— Ես Գանդալֆին համոզեցի,— միջամտեց Արագորնը,— որ հարկավոր է անպայման բռնել Գոլլումին, թեպետ նա կարծում էր, որ արդեն ուշացել ենք: Բայց ես, Իսիլդուրի ժառանգն ու սերունդը, ուզում էի քավել նրա մեղքը, և Գանդալֆի հետ մեկնեցի որոնումների:
Գանդալֆը Խորհրդին համառոտ պատմեց, թե ինչպես է Արագորնի հետ միասին դեգերել Խլուտի հողերում, հարավում նրանք հասել են մինչև Մթամած Լեռները, որոնց մյուս կողմում Թշնամու տիրապետությունն է, և այնտեղ առաջին անգամ լսեցին Գոլլումի մասին:
— Մենք կարծում էինք, թե նա թաքնվում է լեռներում ինչ-որ տեղ, խուզարկեցինք համարյա յուրաքանչյուր կիրճ, և այնուամենայնիվ չկարողացանք գտնել, և ինձ մռայլ հուսահատություն պատեց: Բայց հենց հուսահատությունը թարմացրեց իմ հիշողությունը, և ես հանկարծ հիշեցի Սարումանի խոսքերը, որ ականջի ծայրով լսել էի Խորհրդում: «Մոգական Մատանիները,— ասաց նա այն ժամանակ,— մեկը մյուսից տարբերվում են թանկագին քարերով: Իսկ իր Մատանին Սաուրոնը ձուլել է բոլորովին հարթ, սակայն վրան գաղտնագիր կա, և իմաստունը կարող է կարդալ այն»:
Սարումանն այլևս ոչինչ չասաց: Եվ ահա նրա խոսքերը հիշելով սկսեցի մտածել, թե ով կարող է իմանալ, ինչպես է հայտածվում գաղտնագիրը: Գիտեր Մատանու ստեղծողը՝ Սաուրոնը: Իսկ Սարումա՞նը... Իր ողջ խոր իմաստնությամբ հանդերձ, նա այդ գաղտնագիրը հասկանալ չէր կարող, քանզի երբևէ տեսած չկար Մատանին, ուրեմն և ինչ-որ չափով լուծումը գտել է: Բացի Սև Տիրակալից էլ ո՞վ է տեսել Մատանին մինչև դրա անհետանալը... Միայն մեկ մարդ՝ Իսիլդուրը: Ես հրաժարվեցի Գոլլումին գտնելու անհույս որոնումներից և, ժամանակ չկորցնելով, ուղևորվեցի Գոնդոր: Մի ժամանակ այնտեղ իմաստուններին պատվում էին, իսկ Սարումանի նկատմամբ հատուկ հարգանք էին տածում՝ նա երկար ժամանակ հյուընկալվում էր Մեծ Տիրակալի մոտ: Գերագույն տիրակալ Դենեթորն ինձ շատ ավելի զուսպ ընդունեց, քան առաջներում և բավական տհաճությամբ թույլ տվեց մտնել հնամյա ձեռագրերի և հնագույն գրքերի Մատենադարան:
«Եթե քեզ, ինչպես ինքդ ես ասում, հետաքրքում են Գոնդորի հնամյա տարեգրությունները, ինչ կա որ, կարդա,— մռայլ ասաց նա: —Իսկ ինձ համար անցյալն ապագայից պարզ է... Դե դա արդեն իմ գործն է: Սակայն նույնիսկ Մեծ Իմաստուն Սարումանն այստեղ գտել է միայն այն, ինչ ես գիտեմ»:
Այդպես ասաց ինձ Դենեթորը: Եվ այնուամենայնիվ ես Մատենադարանում գտա հին ձեռագրեր, որոնք քչերն են ընդունակ հասկանալ, քանի որ հին ժողովուրդների բարբառները գիտեն միայն իմաստուններից իմաստունները: Այո, Բորոմիր, ես այնտեղ փնտրեցի և գտա անձամբ Իսիլդուրի ձեռքով գրվածը, հազիվ թե որևէ մեկն այն կարդացած լիներ՝ բացի ինձանից, և կարող է պատահել՝ նաև Սարումանից: Պարզվում է, որ Թշնամու դեմ տարած հաղթանակից հետո Իսիլդուրը վերադարձել է Գոնդոր, և ոչ թե հեռացել է, որպեսզի ինչ-որ տեղ անփառունակ շունչը փչի, ինչպես հաղորդում են հյուսիսային ավանդությունները:
— Հյուսիսայինները՝ հնարավոր է,— ասաց Բորոմիրը: — Բայց մենք՝ գոնդորցիներս, հնուց գիտենք, որ Իսիլդուրը իսկապես վերադարձել է Գոնդոր, որպեսզի իշխանությունը հանձնի Մենելդիլին, իր սպանված եղբոր որդուն, հենց այդ ժամանակ էլ, զոհված եղբոր հիշատակին նա Սպիտակ Ծառի վերջին սերմը տնկեց մեր թագավորության մայրաքաղաքում:
— Եվ այդ ժամանակ էլ կատարեց վերջին գրառումը,— Բորոմիրի պատմությունը լրացրեց Գանդալֆը,— որի մասին Գոնդորում հավանաբար մոռացել են: Այդ գրառումը վերաբերվում է Համիշխանության Մատանուն, որն Իսիլդուրը ձեռք է բերել Սաուրոնի հետ մենամարտում: Ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.
«''Այսուհետ Համիշխանության Մատանին կդառնա Արնորի մեծ թագավորների սեփականությունը, սակայն սույն ձեռագիրը ես թողնում եմ Գոնդորում, քանզի այստեղ ևս ապրում են Էլենդիլի սերունդները, որպեսզի հարավում էլ մոռացումի չմատնվեն զարմանալի գործերը մեր Դարաշրջանի:''
''Եվ իսկույն էլ տրվում է Մատանու նկարագրությունը.''
''Այն շիկացած էր, երբ ձեռքս վերցրի, ասես հենց նոր էր հանվել Ճակատագրի Լեռան ձագարի քուրայից, և ինձ թվաց, որ իմ այրվածքը երբեք չի դարմանվի: Սակայն ձեռքս լավացավ, և Մատանին պաղեց ու աչքիս փոքրացավ, բայց այնուամենայնիվ չկորցրեց նախկին գրավչությունը, ինչպես և Թշնամու կողմից նրան տրված ձևը: Եվ դժգունեցին վրայի մոգական նշաններն ու հազիվ էին երևում: Նշաններն էլ համակ Օստրանի էլֆերի տառերն էին, սակայն մակագրության լեզուն ինձ անծանոթ էր: Սույն լեզուն հավանորեն Թշնամու լեզուն է... զի հնչում է այն, տառերն ընթերցելիս, անհաճո ու խորհրդավոր: Ինձ անհայտ է, ինչ չար միտք է թաքցնում Թշնամու մակագրությունը, բայց ես արտանկարում եմ այն, նպատակով, որ պահպանվի սերունդների հիշողության մեջ, եթե պատահի, որ արդեն հազիվ նշմարելի տառերն ամբողջովին անհետանան: Համիշխանության Մատանուն, ինչպես պատկերանում է ինձ, պակասում է Թշնամու ձեռքի ափի տապը, քանզի շիկացած վիճակում այն նմանում էր բոսոր բոցի, ընդ որում սև՝ որպես խավարն է գիշերվա, և Գիլ Գալադը սրի էր քաշված, և եթե Մատանին շիկացվի կրակով, ապա կպատահի, որ հորհրդավոր մակագրությունը նորեն երևան գա, սակայն ես սարսափում եմ նրան չարն անելուց, զի զգում եմ, որ Այն արդեն թանկ է ինձ համար և չափազանց թանկ են հատուցել Նրա համար նումենորցիք»:''