Changes

Գլուխ IV (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)

Ավելացվել է 24 218 բայտ, 10:10, 28 Հունիսի 2015
Նոր էջ «== Գլուխ IV == Խաղերը շարունակվում էին։ Կառլոսից պարտված ցուլը բոլորովին հանդարտվել ու մռայլ տեսքո...»:
== Գլուխ IV ==

Խաղերը շարունակվում էին։ Կառլոսից պարտված ցուլը բոլորովին հանդարտվել ու մռայլ տեսքով թափառում էր մարգագետնում: Նա արդեն պիտանի չէր մրցության երկրորդ տուրին մասնակցելու համար. այդ պատճառով նրա վրա լասսո գցեցին ու տարան. դա մրցանակ է, այն կհանձնեն հաղթողին։

Մի ուրիշ ցուլ դուրս բերին ու բաց թողին, տասնյակ նոր հեծյալներ կրնկակոխ նետվեցին նրա ետևից։

Այս անգամ որսն ու նրա հետապնդողները իրարից շատ հեռու չէին, ավելի ճիշտ ցուլն այնքան էլ արագավազ չէր։ Բոլորը միանգամից հավասարվեցին նրան ու անզուսպ արշավով առաջ սլացան։ Բոլորովին անսպասելիորեն ցուլը կտրուկ շուռ եկավ ու ետ վազեց, ուղիղ դեպի հանդիսականները։ Սայլակներում գտնվող գեղջկուհիները և նստարաններին նստած սինյորներն ու սինյորինաները վախեցած սկսեցին աղմկել։ Եվ դա զարմանալի չէր. մի ակնթարթ ևս՝ և մոլեգնած գազանը կհայտնվի հենց այնտեղ, ուղիղ նրանց մեջ։

Իսկ հեծյալները մնացել էին ետևում։ Մեծ արագությամբ միանգամից շրջվելու անհրաժեշտությունը նրանց հանկարծակիի էր բերել և ցուլը նրանցից շատ էր առաջ անցել: Նույնիսկ ամենամոտ գտնվողները չէին կարող ժամանակին հասնել։

Մնացած հեծյալներն արդեն իջել էին ձիերից: Իսկ ո՞վ կհամարձակվի ոտքով կտրել ամբողջ թափով սլացող ցուլի ճանապարհը։

Տղամարդիկ շփոթվեցին. նրանց բարձրաձայն բացականչությունները խառնվում էին սարսափահար կանանց հուսահատ վայնասունին։ Զոհեր կլինեն... գուցե՝ շատ։ Ոչ ոք չէր կարող վստահ լինել, որ կենդանի կմնա։

Սարսափահար կանանցով լցված սայլերը շարքերով կանգնել էին նստարանների երկու կողմերում, և, կիսաօղակ կազմելով, ձգվել դեպի մարգագետինը։ Ահա ցուլն արդեն այդ կիսաօղակի մեջ է, սայլերը նրան աջ կամ ձախ շրջվելու հնարավորություն չեն տալիս, և նա կատաղորեն սլանում է ուղիղ դեպի նստարանները՝ կարծես որոշել է ճեղքել ու անցնել նրանց միջով։ Կանայք տեղներից վեր թռան, և վախից խելքները կորցրած, պատրաստ էին ուղիղ հրեշի պոզին թռչելու։ Ահավոր պահ էր։
Եվ այդ պահին սայլերի առաջ հետիոտն մի մարդ հայտնվեց լասսոն ձեռքին։ Հազիվ առաջ անցնելով բազմությունից, նա բարձր թափահարեց լասսոն։ Մի ակնթարթ ևս՝ և օղը բռնեց կատաղած կենդանու պոզից։

Վայրկյան չկորցնելով, այդ մարդը նետվեց դեպի կիսաօղակի մոտավորապես կենտրոնում աճած ցածր ծառն ու արագ նրա բնին փաթաթեց լասսոյի ազատ ծայրը: Եթե մի ակնթարթ էլ հապաղեր, արդեն ուշ կլիներ։

Նա հազիվ էր հանգուցել լասսոյի ծայրը, երբ ուժեղ ցնցումն ազդարարեց, որ ցուլը կապված է։ Վերջինս միայն կարողացավ վազել իր պոզն ամուր սեղմող լասսոյի ամբողջ երկարությամբ, մի ինչ-որ անհասկանալի ուժ միանգամից կանգնեցրեց ու ետ շպրտեց շփոթված կենդանուն։ Ցուլը ծանրորեն փռվեց հանդիսատեսի ոտքերի առաջ։

– Բռավո՛, viva,– լսվում էր չորս կողմից. սարսափից քարացած հարյուրավոր մարզիկ այնքան էին ուշքի եկել, որ արդեն կարողանում էին բղավել։– Viva, viva Կառլոսն, որսորդին բիզոնների։

Միայն նա այսօր արդեն երկրորդ անգամ բոլորին ապացուցեց իր ճարպկությունն ու արիությունը։

Սակայն ցուլը դեռ վերջնականապես պարտված չէ. նրա ճանապարհը սահմանափակված է որոշակի տարածությամբ՝ լասսոյի երկարությամբ, և ահա ոտքի կանգնելով, նա կատաղի մռնչյունով նետվում է ուղիղ դեպի հանդիսատեսները։ Բարեբախտաբար լասսոն այնքան երկար չէր, որպեսզի նա կարողանար աջից կամ ձախից մխրճվել մարդկանց շարքերի մեջ և նա նորից ընկնում է, նստելով ետևի ոտքերի վրա։ Սարսափած բազմությունը ցիրուցան եղավ, ո՞վ գիտե, գուցե օդն, այնուամենայնիվ, կարող է դուրս պրծնել: Բայց ահա վրա հասան նաև հեծյալները: Նորանոր լասսոներ փաթաթվեցին ցուլի պարանոցին ու ոտքերին, և վերջապես, նրան անգթորեն գետին տապալեցին, նա այլևս շարժվել չի կարող։

Այժմ արդեն նա վերջնականապես պարտված է ու այլևս փախչել չի կարող: Եվ քանի որ այս խաղի համար ընդամենը երկու կենդանի էին նախապատրաստել, ապա այսօր ցուլերի հետապնդումն ավարտված է:

Քանի դեռ նախապատրաստություններ էին գնում այսօրվա տոնակատարության հաջորդ մեծ խաղի համար, մի քանի հեծյալներ ցուցադրում էին ձիավարության՝ իրենց համեմատաբար ցածր արվեստը։ Դա ինչ-որ միջախաղի էր նման, և ամեն մեկն անում էր այն, ինչ փչում էր խելքին։ Օրինակ, մեկը լասսոն նետեց ամբողջ թափով վազող մարդու ոտքերին, օղը սեղմեց նրա կոճին և, հասկանալի է, վայր գցեց։ Դա անում էին շատերը՝ և՛ հեծյալները, և՛ հետիոտները, ինչպես երևում է, դա մեծ վարպետություն չէր պահանջում։ Համենայնդեպս, այդպես էին կարծում ամենափորձվածները, նրանք, ովքեր այդ զվարճանքին մասնակցելն իրենց արժանապատվությունից ցածր էին համարում։

Այնուհետև հեծյալները ցուցադրեցին գլխարկով խաղը։ Այստեղ վարպետությունը կայանում է հետևյալում, քառատրոփ բաց են թողնում ձին ու ընթացքի ժամանակ գետին նետում գլխարկը։ Այնուհետև, սլանալով ամբողջ թափով, թամբից կախվում ու վերցնում են այն։ Գրեթե բոլորն էլ այդ անում էին նույն հաջողությամբ և միայն ամենաերիտասարներն էին դա մեծ ճարպկություն համարում։ Գրեթե քսան Պատանիներ ձիերով պտտվում էին հանդիսատեսների առաջ, գետին էին նետում իրենց սոմբրերոներն ու նորից մեծ արագությամբ բարձրացնում դրանք։

Բայց փոքր առարկաներ բարձրացնելն արդեն այնքան էլ հեշտ չէ։ Օրինակ, գետնին դրված մետաղյա դրամը. այստեղ առանց ամաչելու իրենց բախտը կարող են փորձել ամենահմուտ հեծյալները։

Առաջ եկավ բերդակալ Վիսկարրան ու լռություն պահանջեց։ Գետնին դնելով իսպանական դոլարը նա հայտարարեց.

– Դոլարը կպատկանի նրան, ով միանգամից կբարձրացնի այն։ Հինգ ոսկի եմ դնում։ Դա միայն Հոմեսը կարող է անել։

Մի քանի րոպե բոլորը լռեցին։ Հինգ ոսկին մեծ փող է։ Միայն հարուստ մարդը կարող է այդքան փող դնել:

Սակայն մարտահրավերն անպատասխան չմնաց։ Առաջ եկավ մի երիտասարդ անասնապահ։

– Գնդապետ Վիսկարրա,– խոսեց նա,– ես չեմ վիճում, որ դա միայն Հոմեսը կարող է անել, բայց կարող եմ գրազ գալ. այստեղ կա մեկ ուրիշը, որը Հոմեսից պակաս հաջողություն չի ունենա։ Չե՞ք կրկնապատկի արդյոք ձեր խաղագումարը:

– Ո՞վ է այդ մարդը։

– Կառլոսը, որսորդը բիզոնների։

– Լավ, ես ընդունում եմ ձեր գրազը։ Էլ ո՞վ է ուզում փորձել իր բախտը,– շարունակեց Վիսկարրան, դիմելով բազմությանը։– Գետնից բարձրացված յուրաքանչյուր դոլարի փոխարեն ես ամեն անգամ կգնեմ նորը։ Բայց հիշեցեք միայն, պետք է բարձրացնել միանգամից։

Մի քանիսի փորձերն անհաջողությամբ ավարտվեցին։

Որոշ հեծյալներ կարողացան դիպչել դրամին, նույնիսկ տեղաշարժեցին այն, բայց ոչ մեկը չկարողացավ վերցնել։

Վերջապես մարգագետին դուրս եկավ խոշոր աշխետ ձիով մի փորձված հեծելակ. բոլորը ճանաչեցին սերժանտ Հոմեսին։ Այդ նա էր, որ առաջինը հասավ ցուլին, բայց չկարողացավ նրան գետին տապալել։ Իսկույն զգացվեց, որ նա դեռ մինչև հիմա չի հաշտվել անհաջողության հետ, նրա առանց այն էլ մռայլ, դեղնավունգունատ դեմքը բոլորովին խոժոռվել էր: Նա բարձրահասակ էր, ամրակազմ և, անկասկած, լավ ձիավար, բայց բավականին կոպիտ էր ու անհամաչափ զարգացած: Նրան պակասում էին ճկունությունն ու շարժունությունը։

Պահանջվում էր որոշ նախապատրաստական աշխատանքներ կատարել։ Սերժանտը ստուգեց թամբակալները, հանեց սուրը, սրակալն ու խթանեց ձիուն։
Մի քանի րոպե անց հեծյալի հմուտ ղեկավարությամբ առաջ սլացող ձին հայտնվեց արևից փայլփլող դրամի մոտ։ Հոմեսը կախվեց ու փորձեց վերցնել դրամը։ Թերևս նրան կհաջողվեր այդ անել, եթե նա դրամն ամուր սեղմեր ձեռքում։ Բայց դեռ չէր հասցրել ուղղվել թամբի վրա, երբ այն դուրս սահեց նրա մատների արանքից։
Բազմությունը փոթորկվեց. այդ աղմուկի մեջ և հիացմունք կար և զայրույթ։ Մեծամասնությունը Հոմեսի նկատմամբ բարեհաճ էր տրամադրված, որովհետև նրա մեջքին Վիսկարրան էր կանգնած: Եվ դա ոչ թե գնդապետ Վիսկարրային շատ սիրելուց էր, այլ պարզապես նրանից վախենում էին և աշխատում էին նրան հաճոյանալ։

Ապա առաջ եկավ Կառլոսն իր սևաթույր ձիով։ Բոլորի հայացքներն ուղղվեցին նրա վրա: Նրա գեղեցկությունը կարող էր ընդհանուր հուզմունք առաջացնել, եթե մաշկն այդքան բաց գույնի չլիներ։ Դա մարդկանց ստիպում էր անվստահությամբ վերաբերվել նրան, չէ՞ որ նա ուրիշ ժողովրդի զավակ էր։

Սակայն կանացի սրտերը չէին կարող համաձայնել այդ նախապաշարմանը, և բազմաթիվ թուխ ու սիրունիկ աչքեր շիկահեր ամերիկացուն նայելիս հիացմունքից բոցավառվում էին, որովհետև Կառլոսը, որսորդը բիզոնների, ծագումով ամերիկացի էր։

Բայց ոչ, միայն կանայք չէին, որ բարեհաճորեն էին նայում նրան ու գովասանքի խոսքեր շշնջում։ Տագնոսների ցեղի՝ գրեթե մինչև անասունների մակարդակը ստորացված հնդիկների մեջ, որոնք սաստիկ կռացած ու աչքերը երբեք գետնից չբարձրացնելով ապրում էին այստեղ, մարդիկ կային, որոնք երազում էին վաղուց անցած օրերի մասին: Նրանք գիտեին, որ ինչ-որ ժամանակ իրենց հայրերն ազատ են եղել, լեռնային քարանձավներում կամ խիտ անտառի մութ խորքերում տեղի ունեցող գաղտնի հավաքույթներում նրանք դեռ վառում էին Կեցալկոատլ<ref>Կեցալկոատլ – Մեքսիկո հովտում ապրող ժողովրդի՝ տոլտեևների աստված։ Պատկերվում էր փետրավոր օձի տեսքով։</ref> աստծու սուրբ կրակը, դեռ խոսում էին Մոնթեսումայի ու ազատության մասին։

Կառլոսը նախապատրաստությունների գրեթե ոչ մի նշան ցույց չտվեց. և նույնիսկ թիկնոցը չհանեց: Նա միայն անփութորեն այն ետ գցեց այնպես, որ նրա երկար եզրերը կախվեցին ձիու գավակից։

Տիրոջ ձայնին հնազանդ ձին անմիջապես քառատրոփ առաջ նետվեց. այնուհետև հեծյալի ծնկները թեթևակիորեն սեղմվեցին նրա կողերին, և, ենթարկվելով այդ ազդանշանին, ձին սկսեց մարգագետնով պտույտներ գործել ավելի ու ավելի արագ։

Բայց ահա հեծյալը նույն արագությամբ ձիու սրարշավ ընթացքն ուղղեց դեպի փայլփլող դրամը։ Հասնելով դրամին՝ նա կախվեց թամբից, արագ վերցրեց, բարձր վեր նետեց, կտրուկ չոքացրեց ձիուն, ձեռքն առաջ պարզեց ու դրամն ընկավ ուղիղ նրա բաց ափի մեջ։

Այդ ամենը նա արեց հեշտությամբ, հնդկացի դերվիշի անբռնազբոսիկությամբ: Նույնիսկ չարակամ տրամադրված մարդիկ չկարողացան զսպել իրենց ծափերը, ու նորից պայթեց «viva»ն Կառլոսի՝ բիզոնների որսորդի պատվին։

Սերժանտը նվաստացած էր։ Առաջ նա էր միշտ հաղթող դուրս գալիս նման մրցույթներում, մինչ այդ Կառլոսն այստեղ չէր եղել կամ երբեք չէր մասնակցել այդ մրցումներին։ Վիսկարրան էլ իրեն այնքան լավ չէր զգում: Նրա սիրելին խայտառակված էր, իսկ ինքը կորցրել էր տասը ոսկի. դա քիչ չէր նույնիսկ սահմանապահ ամրոցի բերդակալի համար։ Եվ, բացի դրանից, հաճելի չէր ծիծաղելի վիճակի մեջ ընկնել գեղեցկատես սինյորինաների մոտ այն պատճառով, որ տանուլ էր տվել հենց իր առաջարկած գրազը։ Այդ պահից Վիսկարրան ատեց Կառլոսին՝ բիզոնների որսորդին։

Հաջորդ խաղի էությունը կայանում էր նրանում, որ հեծյալը պետք է քառատրոփ սլանար մինչև մարգագետնի երկայնքով անցնող խոր առվի եզրը։ Այստեղ հեծյալը կարող էր ցուցադրել ոչ միայն իր քաջությունն ու ճարպկությունը, այլ նաև ձիու գերազանց վարժվածությունը։

Առուն (ոռոգման ջրանցքը) այնքան լայն էր, որ ձին չէր կարող թռչել նրա վրայից, և այնքան խոր, որ հեծյալին շատ էլ հաճելի չէր լինի գլորվել նրա մեջ։ Դրա համար հեծյալը ոչ միայն ճարպիկ, այլ նաև անվախ պետք է լինի։ Ձին ամբողջ թափով նետվում է դեպի առուն։ Քառատրոփ սլացող ձիուն պետք էր միանգամից կանգնեցնել, և այն էլ այնպես, որ նրա չորս ոտքերն էլ հայտնվեին գծից այն կողմ, իսկ գիծը առվի եզրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում՝ ավելի պակաս, քան ձիու իրանի կրկնակի երկարությունը։ Հասկանալի է, որ գետինը միանգամայն պինդ էր ու ամուր, այլապես դա անիրագործելի կլիներ։
Շատերն այդ գործում կատարելության էին հասել ու դժվարին խնդիրն անթերի էին կատարում։ Ուշագրավ տեսարան՝ սրընթաց վազքի ժամանակ. անսպասելիորեն կանգնեցրած ձի. նա ծառս է եղել հենց առվի եզրին, գլուխը ետ է գցել, աչքերը փայլփլում են, քթանցքները՝ ուռչում։ Իսկ որոշ հեծյալներ, ընդհակառակը, պարզապես ծիծաղելի էին, և բազմությունը ծաղրում էր նրանց։ Դրանք կամ վախկոտներ էին, որոնք իրենց ձիերին կանգնեցնում էին մինչև եզրին հասնելը կամ քաջեր, բայց ոչ ճարպիկ, որոնք չկարողանալով ձիուն պահել պայմանավորված գծի մոտ, թափով թռչում էին խորունկ ու կեղտոտ ջրի մեջ։ Ամեն մի անհաջողություն հանդիսատեսների կորմից ընդունվում էր երկար ժամանակ չլռող բարձրաձայն ծիծաղով ու բացականչություններով, որովհետև շարունակ դժվարությամբ ափ էին դուրս գալիս խեղդվելուց հազիվ փրկված ու մինչև ոսկորները թրջված հեծյալներ։ Բայց դրա փոխարեն, հմտորեն կատարված մանևրը դիմավորում էին բարձրաձայն «viva»ներով ու ծափահարություններով։

Նման մրցույթներ Մեքսիկայում հաճախ են կազմակերպվում. ուսուցման այդպիսի սիստեմի դեպքում դժվար չէ աշխարհի լավագույն ձիավարները դառնալ, և մեքսիկացիներն իրոք անգերազանցելի հեծյալներ են։

Մարդիկ նկատել էին, որ բիզոնների որսորդը չի մասնակցում այդ խաղին։ Ինչո՞ւ: Նրա ընկերները պնդում էին, որ դա նրա արժանապատվությունից ցածր կլինի։ Չէ՞ որ առավել դժվար մրցույթներում նա իրեն դրսևորել էր որպես հմուտ ձիավար, և այս խաղին մասնակցել նշանակում է ավելորդ հաղթանակի ետևից ընկնել։ Կառլոսն իսկապես հենց այդպես էլ մտածում էր։ Բայց չարացած բերդակալը դրան այլ կերպ էր նայում։ Եվ կապիտան Ռոբլադոն՝ նույնպես, որովհետև որսորդի ամեն մի հաղթանակից հետո Կատալինայի դեմքին նա տեսնում էր, կամ երևակայում էր, որ տեսնում է ինչ-որ տարօրինակ արտահայտություն։ Այդ երկու ռազմիկներն էլ իրենց պլաններն ունեին, նույնքան ստոր, որքան իրենք էին. երկուսն էլ ուզում էին ստորացնել Կառլոսին։

Մոտենալով որսորդին՝ նրանք հարցրին, թե ինչո՞ւ այս վերջին խաղում նա իր բախտը չի փորձում։

– Կարծում եմ չարժե,– ուղղակի պատասխանեց որսորդը։

– ՕՀո՜,– ծաղրանքով բացականչեց Ռոբլադոն,– ոչ, բարեկամ, դուք երևի այլ պատճառներ ունեք։ Սա այնքան էլ խղճուկ խաղ չէ. միանգամից կանգնել ծուղակի հենց եզրին: Ինձ թվում է, դուք պարզապես վախենում եք խայտառակվելուց:

Կապիտանը դա ասաց կատակի ձևով, բայց այնքան բարձր, որ շրջապատում բոլորը լսեցին. վերջում նա ծաղրական հռհռաց։

Նրանք հենց այդ էլ ուզում էին՝ տեսնել, թե ինչպես է նա խայտառակվում: Նրանք հուսով էին, որ եթե Կառլոսն ընդունի մրցահրավերը, ապա մի ինչ-որ պատահականությամբ (օրինակ, կարող է սահել կամ սայթաքել ձին) նա կհայտնվի առվի կեղտոտ ջրի մեջ։ Եվ դա որքան նվաստացուցիչ լինի որսորդի համար, այնքան ավելի շատ բավականություն կպատճառի իրենց։ Կեղտոտ առվից մի կերպ դուրս պրծած ու մինչև ոսկորները թրջված հեծյալը ծիծաղելի էր ու խղճուկ տոնականորեն տրամադրված ամբոխի աչքում։ Եվ հենց այդպիսի վիճակում էլ նրանք տենչում էին տեսնել Կառլոսին։

Հասկացա՞վ արդյոք որսորդը նրանց մտադրությունը, թե ոչ ոչնչով զգացնել չտվեց: Նրա պատասխանից չէր կարելի այդ հասկանալ։ Բայց երբ շրջապատող հանդիսականները լսեցին նրա պատասխանը՝ առու, կեղտաջուր, մնացած բոլոր բառերն անմիջապես մոռացան։

Այժմ սպասվում էր շատ ավելի գրավիչ տեսարան:

== Ծանոթագրություններ ==
<references/>

{{Նախորդ և հաջորդ գլուխներ|Գլուխ III (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)‎|Գլուխ V (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)|Սպիտակ առաջնորդը (Մայն Ռիդ)‎}}
Վստահելի
68
edits