Changes
/* XX */
― Շատ փոքրիկ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
===XXI===
Դամմեում Նելեն վշտաբեկ ապրում էր միայնակ Կատլինի մոտ, որը սիրակոչ էր անում սառն դևին․ բայց նա չէր գալիս։
― Ա՜խ, ասում էր նա, ― դու հարուստ ես, Հանսկե՛, անուշի՛կս, և կարող ես բերել յոթ հարյուր կառոլուսը։ Այնժամ Սոոտկինը լիմբոսից վերակենդանացած՝ կվերադառնա երկիր, իսկ Կլաասը կծիծաղի երկնքում։ Դու իհարկե կարող ես այդ անել։ Վերցրե՛ք կրակը, հոգին ուզում է դուրս գալ․ մի ծակ բացեք, հոգին ուզում է դուրս գալ։
Եվ մատով ցույց էր տալիս շարունակ այն տեղը, ուր դրել էին հրավառ խծուծը։
Կատլինը խիստ չքավոր էր, բայց հարևաններն օգնում էին բակլայով, հացով, մսով՝ ըստ իրենց կարողության։ Համայնքը մի քիչ փող էր տալիս նրան, իսկ Նելեն զգեստներ էր կարում հարուստ քաղքենի կանանց համար, գնում էր նրանց տունը սպիտակեղեն արդուկելու և, այդպիսով, շաբաթական մեկ ֆլորին էր վաստակում։
Իսկ Կատլինն անվերջ կրկնում էր․ մի ծակ բացեք, հոգիս հանեցեք։ Նա թակում է դուրս գալու համար։ Հանսկե՜ն կվերադարձնի յոթ հարյուր կառոլուսը։
Եվ Նելեն լալիս էր նրան լսելով։
===XXII===
Ուլենշպիգելն ու Լամմեն՝ զինված իրենց անցաթղթերով, մտան մի փոքրիկ պանդոկ, որ հենված էր Սամբր գետի ափունքի՝ տեղ֊տեղ ծառերով ծածկված ժայռերին։ Ցուցանակի վրա գրված էր՝ «Մառլերի պանդոկ»։
Բուրգունդական ձևով պատրաստված Մաասի գինու բազում շշեր և ահագին խորոված ձուկ ուտելուց հետո նրանք զրուցում էին պանդոկապանի հետ, որը մոլի պապական էր, բայց կաչաղակի պես շատախոս՝ խմած գինու պատճառով, և անընդհատ աչքը չարամտորեն թարթում էր։ Ուլենշպիգելն այդ թարթելուց որևէ գաղտնամտություն կռահելով՝ նրան է՛լ ավելի խմացրեց, այնպես որ պանդոկապանն սկսեց պարել ու քրքջալ․ ապա նորից սեղան նստելով ասաց․
― Բարի կաթոլիկներ, խմում եմ ձեր կենացը։
― Մենք էլ՝ ձեր կենացը, ― պատասխանեցին Լամմեն և Ուլենշպիգելը։
― Ի բնաջնջումն ամենայն ըմբոստության և հերետիկոսության ժանտախտի։
― Ի բնաջնջումն, ― պատասխանեցին Լամմեն և Ուլենշպիգելը, որ շարունակ լցնում էին պանդոկապանի գավը, իսկ սա չէր նկատում, որ միշտ լիքն է։
― Բարեմիտ մարդիկ եք դուք, ― ասաց նա, ― խմում եմ Ձերդ վեհանձնությունների կենացը, մանավանդ որ վաստակ ունեմ խմված գինուց։ Ո՞ւր են ձեր անցաթղթերը։
Ահա՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ստորագրված դքսի կողմից, ― ասաց պանդոկապանը։ ― Խմում եմ դքսի կենացը։
― Մենք ևս՝ դքսի կենացը։
Պանդոկապանը շարունակելով իր խոսքը՝ ասաց․
― Ինչո՞վ են բռնում առնետներին, մկներին ու խլուրդներին,<ref>Բնութագրում mulot, որ նշանակում է շեկ մուկ․ մենք պայմանական կերպով թարգմանում ենք խլուրդ։ Պանդոկապանը այդ բառով բառախաղ է անում Օրանժի իշխանի անվան հետ, որ ինչպես հայտնի է՝ նշանակում է նարինջ, նարնջագույն․ հետևաբար՝ շեկ (մուկ), կրակի գույն։</ref> ― թակարդներով, ծուղակներով։ Ո՞վ է խլուրդը, ― մեծ հերետիկոս նարինջն է՝ դժոխքի կրակի գույն։ Աստված մեզ հետ է։ Նրանք գալու են։ Հե՜յ֊հե՜յ։ Գինի եմ ուզում․ լցրո՛ւ, խաշվում եմ, այրվում եմ․ լրցրո՛ւ։ Երեք փոքրիկ, սիրունիկ ռեֆորմիստական քարոզիչներ, այսինքն ուզում էի ասել՝ փոքրիկ․․․ սիրունիկ կտրիճներ, ամրակազմ գուգազներ, ասես կաղնու ծառեր․․․ Լցրո՛ւ։ Չե՞ք գնա նրանց հետ մեծ հերետիկոսի ճամբարը։ Անցաթղթեր ունեմ՝ նրա կողմից ստորագրված․․․ Կտեսնեք նրանց գործը։
― Կգնանք նրանց ճամբարը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Այնտեղ նրանք գործ են տեսնելու․ և գիշերով, եթե առիթ ներկայանա (և պանդոկապանը սուլելով արավ ժեստը այն մարդու, որը խեղդում է մի ուրիշի)։ Պողպատի քամին այլևս թույլ չի տա, որ Նասաուի<ref>Օրանժի իշխանը միաժամանակ և Նասաու էր։</ref> կեռնեխը ճռվողի։ Հապա՛, շուտ, լցրեք տեսնեմ։
― Ուրախ մարդ ես, թեև ամուսնացած ես, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ոչ ամուսնացած եմ, ոչ էլ եղել եմ, ― ասաց պանդոկապանը։ ― Իմ ձեռքին են իշխանների գաղտնիքները։ Գինի՜։ ― Կինս դրանք բարձի վրա կգողանար ինձնից՝ ինձ կախել տալու և այրիանալու համար ավելի շուտ, քան բնությունն այդ կուզենար։ Մեծ է աստծու զորությունը․ նրանք գալու են․․․ Ո՞ւր են նոր անցաթղթերը․ իմ քրիստոնյա սրտի վրա են։ Խմե՛նք։ Այնտեղ են նրանք, այնտեղ, ճանապարհից մի երեք հարյուր քայլ հեռու՝ Մարշ֊լե֊Դամի մոտ։ Տեսնո՞ւմ եք նրանց։ Խմե՛նք։
― Խմի՛ր, ― ասաց Ուլենշպիգելը, ― խմի՛ր․ ես խմում եմ արքայի կենացը, դքսի կենացը, քարոզիչների, Պողպատի քամու կենացը, խմում եմ քո, իմ կենացը, խմում եմ գինու ու շշի կենացը։ Բայց դու չես խմում։
Եվ ամեն մի կենացից հետո Ուլենշպիգելը լցնում էր նրա բաժակը, և պանդոկապանը դատարկում էր։
Ուլենշպիգելը մի քանի րոպե զննեց նրան, ապա վեր կենալով ասաց․
― Քնեց․ գնա՛նք, Լամմե։
Երբ դուրս եկան՝ նա ասաց․
― Կին չունի, որ մեզ մատնի․․․ Գիշերը իջնելու վրա է․․․ Լավ լսեցի՞ր, թե ինչ էր ասում այդ անասունը, և գիտե՞ս, թե ովքեր են այդ երեք քարոզիչները։
― Այո, ― պատասխանեց Լամմեն։
― Պետք է փրկել իշխանի կյանքը, ― ասաց Ուլենշպիգելը։
― Այո, ― կրկնեց Լամմեն։
― Հապա՛, վերցրու իմ հրահարը, գնա մտիր թավուտը՝ ժայռերի մեջ․ լցրու երկու գնդակով ու կրակիր՝ հենց որ ագռավի պես կռռամ։
― Շատ լավ, ― ասաց Լամմեն։
Եվ անհետացավ թավուտի մեջ։ Եվ Ուլենշպիգելը քիչ հետո լսեց հրահարի շրխկոցը։
― Տեսնո՞ւմ ես նրանց, ― հարցրեց նա։
― Տեսնում եմ, ― ասաց Լամմեն։ ― Երեք հոգի են, քայլում են գուգազի պես, և մեկը մի գլխով բարձր է մյուսներից։
Ուլենշպիգելը նստեց ճանապարհի եզրին, ոտքերը մեկնած, աղոթքներ մրմնջալով համրիչի օժանդակությամբ, ինչպես մուրացկաններն են անում։ Եվ գլխարկը դրել էր ծունկի վրա։
Երբ երեք քարոզիչներն անցան՝ նա պարզեց իր գլխարկը, բայց նրան ոչինչ չգցեցին մեջը։
Այնժամ Ուլենշպիգելը վեր կենալով խեղճ֊խեղճ ասաց․
― Իմ բարեգո՛ւթ տյարք, մի՛ զլանաք մի պատար ողորմություն տալ քարհանքի բանվորին, որ այս քանի օրը քարհանքում ընկել է ու կողերը ջարդել։ Խստասիրտ են այս երկրի մարդիկ․ ոչինչ չուզեցան տալ ինձ թշվառ վիճակս ամոքելու համար։ Ավա՜ղ, մի պատար ողորմացեք, ես էլ կաղոթեմ ձեզ համար։ Աստված Ձերդ մեծոգություններին ամբողջ կյանքում ուրախ֊զվարթ պահի։
― Որդյա՛կ իմ, ― ասաց քարոզիչներից մեկը, մի հաղթանդամ մարդ, ― մեզ համար այս աշխարհում ոչ մի խնդություն չի կարող լինել, քանի որ կիշխեն պապն ու ինկվիզիցիան։
Ուլենշպիգելն էլ նրա պես հառաչեց ու ասաց․
― Ավա՜ղ, ի՞նչ եք ասում, տյա՛րք իմ։ Կամաց խոսեցեք՝ եթե հաճո է Ձերդ շնորհալիություններին։ Բայց մի պատար տվեք ինձ։
― Որդյա՛կ իմ, ― պատասխանեց մարտական դեմքով մի կոլոտ քարոզիչ, ― մենք՝ խեղճ նահատակներս այնքան պատար ունենք, որքան պետք է ճանապարհին գոյություն պահելու համար։
Ուլենշպիգելը ծունկ չոքեց։
― Օրհնեցեք ինձ, ― ասաց նա։
Երեք քարոզիչները ձեռքերը պարզեցին նրա գլխի վրա՝ առանց ջերմեռանդության։
Նկատելով, որ նրանք նիհար են, բայց և այնպես զորեղ փորեր ունեն՝ նա ոտքի կանգնեց, ձևացավ, թե ընկնում է, և գլուխը խփելով բարձրահասակ քարոզչի փորին՝ այնտեղից լսեց դրամի հրճվագին զնգզնգոցը։
Այնժամ ուղղվելով և սուրը քաշելով՝ ասաց․
― Ողորմագո՛ւթ հայրեր, բավական զով է, իսկ ես թեթև եմ հագնված, իսկ դուք՝ տաք֊տաք։ Տվեք ինձ մի քիչ ձեր մահուդից, որ ես էլ մի թիկնոց կարել տամ։ Ես գյոզ եմ։ Կեցցե՜ն գյոզերը։
Հաղթանդամ քարոզիչը պատասխանեց․
― Հանդո՛ւգն գյոզ, կատարդ շատ բարձր ես պահում․ հիմա մենք կթռցնենք դա։
― Թռցնե՜լ, ― գոչեց Ուլենշպիգելը ընկրկելով, ― բայց Պողպատի քամին իշխանի համար փչելուց առաջ կփչի ձեզ համար։ Գյոզ եմ ես, կեցցե՜ն գյոզերը։
Քարոզիչներն ահաբեկված ասացին իրար․
― Որտեղի՞ց գիտե եղելությունը։ Մատնել են մեզ։ Զա՛րկ։ Կեցցե՜ պատարագը։
Եվ իրենց անդրավարտիքի տակից քաշեցին հատու ու փայլուն թրերը։
Բայց Ուլենշպիգելն առանց սպասելու նրանց՝ քաշվեց դեպի թփուտը, ուր թաքնված էր Լամմեն։ Կարծելով, որ քարոզիչները հրահարի հասանելիության վրա են, ասաց․
― Ագռավնե՛ր, սև՛ ագռավներ, Կապարի քամին հիմա կփչի։ Ձեր տրաքվելն եմ երգում ես։
Եվ նա կռռաց։
Մացառուտից արձակված հրահարի զարկը բերանքսիվայր ցած գլորեց ամենախոշոր քարոզչին․ դրան հաջորդեց երկրորդ կրակոցը, որ ճանապարհի վրա նետեց մյուսին։
Եվ Ուլենշպիգելը մացառների արանքից տեսավ Լամմեի բարեմիտ կերպարանքը և բարձրացրած ձեռքը, որ շտապ լցնում էր հրահարը։
Իսկ սև մացառների վրա բարձրանում էր կապույտ ծուխը։
Երրորդ քարոզիչը ևս կատաղությունից մոլեգնած՝ ուզում էր ամենայն ուժով տապալել Ուլենշպիգելին, որն ասում էր․
― Պողպատի քամի կամ Կապարի քամի, շուտով այս աշխարհից մյուսը կերթա, սպանությունների անա՛րգ գործիք։
Եվ խփեց նրան ու քաջաբար պաշտպանվեց։
Նրանք, հաստատապես կանգնած դեմդիմաց, ճանապարհի վրա, իջեցնում էին ու չեզոքացնում իրար հարվածները։ Ուլենշպիգելն ամբողջովին արյունլվա էր, որովհետև նրա հակառակորդը, մի ճարպիկ գուգազ, վիրավորել էր նրան գլխից ու ոտքից։ Բայց նա հարձակվում ու պաշտպանվում էր առյուծի պես։ Գլխից հոսող արյունը կուրացնում էր նրան, ուստի սրբեց դեմքը, բայց զգաց, որ թուլանում է։ Եվ քիչ էր մնացել սպանվեր՝ եթե Լամմեն չկրակեր քարոզչի վրա ու չգլորեր նրան։
Ուլենշպիգելը նայեց նրան, լսեց, թե ինչպես է նա փղձկում նզովք, արյուն ու մահու փրփուր։
Եվ կապույտ ծուխը բարձրացավ սև մացառների վրա, որոնց միջից Լամմեն ցույց տվեց իր բարեմիտ կերպարանքը։
― Վերջացա՞վ, ― հարցրեց նա։
― Այո, որդյա՛կ իմ, բայց եկ այստեղ․․․ ― ասաց Ուլենշպիգելը։
Լամմեն դուրս գալով իր բնից՝ տեսավ Ուլենշպիգելին ամբողջովին արնաթաթավ։ Այնժամ եղնիկի պես վազելով՝ չնայած իր խոշոր փորին՝ նա մոտեցավ Ուլենշպիգելին, որ նստած էր գետնին՝ սպանվածների մոտ։
― Վիրավորվա՜ծ է նա, անուշիկ բարեկամս, վիրավորվա՜ծ այս անպիտան մարդասպանի ձեռքով, ― գոչեց նա։ Եվ կրունկի մի հարվածով փշրելով ամենամոտիկ քարոզչի ատամները՝ ասաց․ ― Չե՞ս պատասխանում Ուլենշպի՛գել։ Մեռնո՞ւմ ես, Ի՞նչ է, որդյա՛կ իմ։ Ո՞ւր է այն բալասանը։ Հա՜, որսապարկի հատակո՜ւմն է, երշիկների տակ։ Ուլենշպի՛գել, ինձ չե՞ս լսում։ Ավա՜ղ, գոլ ջուր էլ չունեմ, որ վերքերդ լվանամ, ոչ էլ ճարելու նվազագույն միջոց։ Բայց Սամբրի ջուրն էլ հերիք է։ Խոսի՛ր, ասա՛ բարեկամս։ Այնուամենայնիվ այնքան ծանր չես վիրավորվել։ Մի քիչ ջուր, սառը ջուր, լա՞վ։ Սթափվում է։ Ես եմ, որդյա՛կ իմ, բարեկամդ․ նրանք սպանված են՝ ամենքն էլ։ Սպիտակ լա՜թ, սպտակ լա՜թ՝ նրա վերքերը կապելու համար։ Չկա՜։ Ոիրեմն՝ իմ շապիկը։ ― Եվ Լամմեն հանվեց, շարունակելով իր խոսքը, ― կտոր֊կտոր անե՛նք շապիկը։ Արյունը դադարում է։ Բարեկամս չի՛ մեռնի։ Պա՜հ, ինչ ցուրտ է․ տկլոր մեջքը դեմ անես այս օդին։ Չէ՛, հագնվենք։ Նա չի՛ մեռնի։ Ե՛ս եմ, Ուլենշպիգել, ես եմ՝ բարեկամդ Լամմեն։ Օհո՛, նա ժպտում է։ Հիմա կկապոտեմ այդ մարդասպաններին։ Դրանց փորը ֆլորին է։ Ոսկե ընդերք՝ կառոլուս, ֆլորին, դիլդեր, պատար ու նամակնե՜ր։ Հարստացա՜նք։ Երեք հարյուրից ավելի կառոլուս կա բաժանելու։ Վերցնենք զենքերն ու փողը։ Պողպատի քամին այլևս չի փչի իշխանի համար։
Ուլենշպիգելը ցրտից ատամները կափկափելով վեր կացավ։
― Օ՜, արդեն կանգնեցիր։
― Բալասանի ուժն է։
― Արիության բալասանի, ― վրա բերեց Լամմեն։
Ապա մեկիկ֊մեկիկ քարոզիչների մարմինները նետեց ժայռերի արանքը՝ նաև նրանց զենքերն ու հագուստները, բացի թիկնոցներից։
Եվ նրանց շուրջն ու երկնքում կռռում էին ագռավները՝ իրենց որսին ակնդետ։
Եվ Սամբրը հոսում էր որպես պողպատե գետ գորշ երկնքի տակ։
Եվ ձյունը տեղաց ու լվաց արյունը։
Այնուամենայնիվ նրանք մտահոգ էին։ Եվ Լամմեն ասաց․
― Գերադասում եմ մի վառյակ սպանել, քան թե մարդ։
Եվ նորից հեծան իրենց էշերը։
Հյուիի դարպասների մոտ արյունը դեռ ծորում էր։ Նրանք ձևացան, թե կռվում են, իջան էշերից և սրերը քաշելով իրար վրա հարձակվեցին՝ ըստ երևույթին խիստ կատաղաբար։ Ապա դադարեցնելով մենամարտը՝ հեծան էշերը և մտան Հյուի՝ անցաթղթերը դարպասի մոտ ցույց տալուց հետո։
Կանայք տեսնելով Ուլենշպիգելին վիրավորված ու արնածոր, իսկ Լամմեին հաղթականորեն էշը հեծած՝ քնքշագին կարեկցությամբ դիտում էին Ուլենշպիգելին և բռունցք ցույց տալով Լամմեին՝ ասում․ «Այս անպիտանն է վիրավորել իր բարեկամին»։
Լամմեն անհանգիստ կերպով որոնում էր նրանց մեջ միմիայն իր կնոջը։
Իզուր։ Եվ նա թախծեց։
===XXIII===
Ո՞ւր ենք գնում հիմա, ― հարցրեց Լամմեն։
― Մաաստրիխտ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Բայց, որդյա՛կ իմ, ասում են, որ դքսի բանակը նրա շուրջն է, ինքն էլ գտնվում է քաղաքում։ Մեր անցաթղթերը բավական չեն։ Եթե իսպանական գուգազները բարվոք համարեն դրանք, այնուամենայնիվ քաղաքում մեզ կբռնեն ու կհարցաքննեն։ Մինչ այս, մինչ այդ՝ կիմանան նաև քարոզիչների մահը, և մենք կդադարենք ապրելուց։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Ագռավները, բուերը և անգղերը շուտով կսպառեն նրանց միսը․ հիմա, անկասկած, նրանց դեմքն անճանաչելի է։ Ինչ վերաբերում է մեր անցաթղթերին՝ նրանք կարող են կարգին համարվել․ բայց եթե իմանան սպանությունը՝ ինչպես ասում ես՝ կձերբակալվենք։ Այնուամենայնիվ պետք է մենք գնանք Մաաստրիխտ՝ անցնելով Լանդենից։
― Մեզ կբռնեն, ― ասաց Լամմեն։
― Կանցնենք, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Այսպես զրուցելով, նրանք հասան «Կաչաղակ» պանդոկը, ուր գտան լավ ճաշ, լավ կացարան և էշերի համար չոր խոտ։
Հաջորդ օրը ճանապարհ ընկան դեպի Լանդեն։
Երբ հասան քաղաքի մոտ գտնվող մի խոշոր ագարակի՝ Ուլենշպիգելը արտույտի պես ճռվողեց, և անմիջապես ներսից նրան պատասխանեց աքաղաղի խրոխտ ծուղրուղուն։ Ապա ագարակի շեմի վրա երևաց բարեհամբույր տեսքով մի վարձկալ և ասաց․
― Բարեկամնե՛ր, քանի որ ազատ մարդիկ եք՝ ուրեմն՝ կեցցե՜ն գյոզերը։ Ներս համեցեք։
― Ո՞վ է սա, ― հարցրեց Լամմեն։
― Թոմաս Ուտենհովեն՝ քաջարի ռեֆորմատը, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― նրա ագարակի ծառերն ու աղախինները իր պես աշխատում են հանուն ազատ խղճի։
Այնժամ Ուտենհովեն ասաց․
― Դուք իշխանի պատգամաբերն եք։ Ուրեմն կերեք ու խմեք։
Եվ խոզապուխտն սկսեց տժտժալ վառարանում, երշիկները նմանապես, գինին սկսեց կլթկլթալ ու բաժակները լցվեցին։ Իսկ Լամմեն չոր ավազի պես սկսեց խմել ու լավ ուտել։
Ագարակի ջահել տղաներն ու աղջիկները իրար հետևից գալիս և իրենց քիթը կիսաբաց դռնից ներս էին կոխում, որպեսզի տեսնեն նրա ծնոտների աշխատելը։ Հասակավոր տղամարդիկ էլ նախանձելով նրան՝ ասում էին, թե իրենք էլ կարող են նրա պես անել։
Ճաշի վերջին Ուտենհովեն ասաց․
― Այս շաբաթ հարյուր գյուղացի կմեկնեն այստեղից Բրյուգգեի ու նրա շրջակայքի ամբարտակների վրա աշխատելու պատրվակով։ Ճամփա կգնան հինգ֊վեց հոգով և տարբեր ուղիներով։ Բրյուգգեում նավակներ կլինեն՝ նրանց ծովով Էմդեն հասցնելու համար։
― Զենքով ու փողով ապահովված կլինե՞ն, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Ամեն մեկը կունենա տասը ֆլորին և մի խոշոր դաշույն։
― Աստված ու իշխանը վարձատրեն քեզ, ― ասաց Ուլենշպիգելը։
Ես բնավ վարձատրության համար չեմ աշխատում, ― պատասխանեց Թոմաս Ուտենհովեն։
― Ինչպե՞ս եք անում, ― հարցրեց Լամմեն մի խոշոր, սև արնաերշիկ խժռելով, ― ի՞նչ եք անում, պարո՛ն հյուրընկալ, այսպիսի անուշաբույր, հյութեղ և նրբորեն ճարպոտ կերակուր պատրաստելու համար։
― Այդ նրանից է, որ մեջը կինամոն ու սուսամբար ենք գցում, ― ասաց հյուրընկալը, ապա դարձավ Ուլենշպիգելին։
― Էդգարը՝ Ֆրիսլանդիայի կոմսը, շարունակո՞ւմ է իշխանի բարեկամը լինել։
― Թաքցնում է, բայց և այնպես Էմդենում ապաստան է տալիս նրա նավերին, ― պատասխանեց Ուլենշպիգելը և ավելացրեց․
― Մենք պետք է Մաաստիխտ գնանք։
― Չես կարող, դքսի բանակը քաղաքի առջևն է ու շրջակայքում։
Հետո նրան տանելով ձեղնահարկ՝ ցույց տվեց հեռվում նշմարվող հեծելակների ու հետևակների էսկադրոններն ու վաշտերը՝ դաշտում երիվարելիս ու քայլելիս։
― Ես կանցնեմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― եթե դուք, որ ազդեցիկ մարդ եք այս վայրերում, ինձ ամուսնանալու թույլտվություն շնորհեք։ Ինչ վերաբերում է կնոջը՝ պետք է լինի մի գողտրիկ, մեղմ ու սիրուն աղջիկ, որը ցանկանա ամուսնանալ ինձ հետ, եթե ոչ ընդմիշտ, գոնե մի շաբաթով։
Լամմեն հառաչում էր ու ասում․
― Այդպիսի բան մի անի, որդյա՜կ, նա քեզ կթողնի մենակ, որ այրվես սիրո կրակով։ Քո անկողինը, ուր խաղաղ քնում ես, կդառնա ժանտափշե ներքնակ՝ խլելով քեզանից քաղցր քունդ։
― Կին եմ առնելու, ― հարեց Ուլենշպիգելը։
Եվ Լամմեն այլևս ոչինչ չգտնելով սեղանի վրա՝ խիստ տխրեց։ Այնուամենայնիվ մի գուշի մեջ ուտելիք գտավ և սկսեց թախծոտ կերպով ուտել։
Ուլենշպիգելն ասաց Թոմաս Ուտենհովենին․
― Դե հիմա խմենք։ Ուրեմն մի կին կճարեք ինձ՝ հարուստ կամ աղքատ։ Ես նրա հետ կգնամ եկեղեցի և քահանային օրհնել կտամ ամուսնությունը։ Նա էլ մեզ կտա պսակի վկայայան՝ անվավեր, որովհետև ինկվիզիտոր պապիստի տրվածն է։ Մենք դրա մեջ նշել կտանք, որ երկուսս էլ լավ քրիստոնյաներ ենք՝ խոստովանած ու հաղորդված, ապրում ենք առաքելաբար՝ հետևելով մեր սրբազան կաթոլիկ մայր եկեղեցու պատվիրաններին, եկեղեցու, որ վառում է իր զավակներին, և, այդպիսով, մեր վրա կհրավիրենք օրհնությունը մեր սուրբ հոր՝ պապի, երկնային ու երկրային բանակների, սրբերի ու սրբուհիների, աբբահայրերի, ավագերեցների, վանականների, գուգազների, մարդորսների և այլ ապիրատ մարդկանց։ Զինված վերոհիշյալ վկայականներով, մենք կպատրաստվենք հարսանեկան ճանապարհորդության սովորական ծիսակատարության և քեֆին։
― Բայց կի՞նը, ― հարցրեց Թոմաս Ուտենհովենը։
― Կգտնես, ― վրա բերեց Ուլենշպիգելը։ ― Ուրեմն ես կվարձեմ երկու սայլ, կզարդարեմ եղևնու ճյուղերից, ժանտափշից և թղթե ծաղիկներից հյուսված շրջանակներով, կնստեցնեմ մեջը մի քանի մարդ, ում որ դու ուզում ես ուղարկել իշխանին։
― Բայց կի՞նը, ― հարցրեց Թոմաս Ուտենհովեն։
― Նա անշուշտ այստեղ է, ― պատասխանեց Ուլենշպիգելը և շարունակեց իր խոսքը․
― Քո ձիերից երկուսը կլծեմ մի սայլին, մեր երկու էշը՝ մյուս սայլին։ Առաջին սայլում կնստեցնեմ իմ կնոջն ու ինձ, Լամմե բարեկամիս, ամուսնության վկաներին՝ երկրորդ սայլում՝ թմբուկ ու դափ զարնողներին, սրինգ ու փող նվագողներին։ Հապա հարսանիքի գույնզգույն դրոշները, պարզած, թմբկահարներով, երգելով, խմելով, քառատրոփ արշավով կանցնենք մեծ ճանապարհով, որը մեզ կտանի կամ Galyenveld՝ Կախաղանների դաշտը, կամ դեպի ազատություն։
― Ես ուզում եմ քեզ օգնել, ― ասաց Թոմաս Ուտենհովեն։ ― Սակայն կանայք կամ աղջիկները կուզենան հետևել իրենց ամուսիններին։
― Մենք կգնանք աստծու ողորմությանն ապավինած, ― ասաց մի անուշիկ աղջիկ՝ գլուխը կիսաբաց դռնից ներս մտցնելով։
― Եթե կարիք եղավ, կտամ չորս սայլ, ― ասաց Թոմաս Ուտենհովեն, ― այդպիսով կանցկացնենք ավելի քան քսանհինգ մարդ։
― Դուքսը կլինի խայտառակված, ― ասաց Ուլենշպիգելը։
― Իսկ իշխանի նավատորմը զինված կլինի ևս մի քանի նոր զինվորներով, ― վրա բերեց Թոմաս Ուտենհովեն։
Այնժամ զանգ հնչեցնելով նա կանչել տվեց իր ծառաներին ու աղախիններին և ասաց․
― Դուք ամենքդ, որ զելանդացի եք, մարդ թե կին, լսեցե՛ք․ Ուլենշպիգել ֆլամանդացին, որ այստեղ ներկա է, ուզում է, որ դուք անցնեք դքսի բանակի միջով՝ հարսանեկան թափորին վայել ձեր արդուզարդով պճնված։
Զելանդացի տղամարդիկ ու կանայք միաբերան գոչեցին․
― Մահվան վտա՜նգ․ համաձա՜յն ենք։
Եվ տղամարդիկ ասում էին իրար․
― Հրճվանք է մեզ համար հեռանալ ստրկության երկրից ու գնալ դեպի ազատ ծովը։ Եթե աստված կողմնակից է, ո՞վ հակառակ կլինի։
Կանայք ու աղջիկներն ասում էին․
― Հետևենք մեր ամուսիններին ու բարեկամներին։ Մենք զելանդացի ենք և այնտեղ ապաստան կգտնենք։
Ուլենշպիգելը աչքը գցեց մի մանկահաս ու գողտրիկ աղջկա և ծաղրանքով ասաց․
― Ուզում եմ քեզ առնել։
― Ես էլ քեզ եմ ուզում, բայց միայն եկեղեցում, ― ասաց աղջիկը շիկնելով։
Կանայք ծիծաղելով ասում էին իրար․
― Նրա սիրտը ձգտում է Հանս Ուտենհովեին՝ մեր տիրոջ որդուն։ Նա էլ հավանաբար սրա հետ կգնա։
― Այո, ― ասաց Հանսը։
― Կարող ես, ― ասաց հայրը։
Տղամարդիկ տոնական զգեստներ հագան՝ թավշե բաճկոնակ ու անդրավարտիք, լայն թիկնոցն էլ վրայից, դրին լայնեզր գլխարկներ, որ պաշտպանում էին արևից ու անձրևից․ կանանց ճակատներին խոշոր ոսկեզօծ գոհարներ կար, որ աղջիկները կրում են ձախից, իսկ ամուսնացած կանայք՝ աջից․ վզի սպիտակ փոթօձիքը ոսկեկար էր, ասեղնագործած լանջապանը շիկակարմիր ու բաց կապույտ էր, հագել էին սև բրդե շրջազգեստ՝ նույն գույնի թավշե լայն շերտերով, սև բրդե գուլպաներ ու թավշե մաշիկներ՝ արծաթե ճարմանդներով։
Ապա Թոմաս Ուտենհովեն գնաց եկեղեցի՝ խնդրելու քահանային, որ այդ օրն իսկ ամուսնացնի Թիլբերտին՝ որդի Կլաասի, այսինքն Ուլենշպիգելին, Տանեկին Պետերսի հետ։ Քահանան երկու ռիքադիլդեր ստանալով նրանից՝ համաձայնեց։
Եվ այդպես Ուլենշպիգելը գնաց եկեղեցի՝ բոլոր հարսանքավորների ուղեկցությամբ ու քահանայի ձեռքով պսակվեց Տանեկինի հետ։ Տանեկինն այնքան գեղեցիկ էր ու գողտրիկ, այնքան քաղցրաբարո ու սպիտակամորթ, որ Ուլենշպիգելը հաճությամբ կկրծեր նրա թշերը որպես սիրախնձոր։ Եվ այդ բանն ասաց նրան՝ չհամարձակվելով սակայն կատարել, հարգելով նրա անուշիկ գեղեցկությունը։ Բայց աղջիկը խռովկան հայացքով ասաց․
― Հանգիստ թող, չե՞ս տեսնում, որ Հանսը քեզ այնպես է նայում, կարծես սպանելու է հիմա։
― Իսկ մի խանդոտ աղջիկ նկատեց․
― Ուրիշին փնտրիր, չե՞ս տեսնում, որ նա վախենում է իր սիրեցյալից։
Լամմեն ձեռքերը շփելով գոչեց․
― Մեկ է, այդ բոլորը դու չես ունենա, անպիտա՛ն։
Եվ շատ գոհ էր։
Ուլենշպիգելը իր չարաբախտությունը համբերությամբ կրելով՝ բոլոր հարսանքավորների հետ վերադարձավ ագարակը։ Այդտեղ նա խմեց, երգեց և զվարճացավ՝ խանդոտ աղջկա հետ բաժակ զարկելով։ Դրանից հրճվեց Հանսը, բայց ոչ Տանեկինը, ոչ էլ խանդոտ աղջկա նշանածը։
Կեսօրին, երբ պայծառ արևը փայլում էր և զով քամին փչում, սայլերը զարդարված կանաչեղենով ու ծաղիկներով, փողփողուն դրոշակներով՝ ճանապարհ ընկան թմբուկների, սրինգների, փողերի ու պարկապզուկների զվարթ հնչյունների տակ։
Ալբայի ճամբարում այլ հանդես էր։ Պահակներն ու հետախույզները առաջացել, տագնապի ազդանշան էին տվել և այժմ վերադառնալով իրար հետևից, զեկուցում էին․
― Թշնամին մոտ է․ լսեցինք նրանց թմբուկների ու փողերի ձայնը և նշմարեցինք դրոշները։ Հեծելազորի մի խոշոր ջոկատ կլինի դա, որ եկել է մեզ որևէ ծուղակի մեջ գցելու համար։ Գլխավոր բանակն անկասկած դեռ հեռու է։
Դուքսն անմիջապես տեղեկացրեց այդ մասին զորագնդերի հրամանատարներին, գնդապետներին ու կապիտաններին, հրամայեց բանակը մարտական վիճակի մեջ դնել և մարդիկ ուղարկեց թշնամուն հետախուզելու։
Հանկարծ երևաց հրահարավորների կողմը դիմող չորս սայլ։ Տղամարդիկ ու կանայք պարում էին սայլերի մեջ, շշերը ոստոստում ու փողերը զվարթագին շեփորում էին, սրինգները հեծեծում, թմբուկները թնդում և պարկապզուկներն ուռչում էին։
Հարսանեկան սայլերը կանգ առան, և աղմուկի վրա Ալբայի դուքսն անձամբ գալով՝ տեսավ նորահարսին սայլակներից մեկի վրա։ Նորափեսան՝ Ուլենշպիգելը, պճնված ու շողշողադեմ նրա կողքին էր․ և բոլոր գեղջուկներն ու գեղջկուհիները սայլից իջել պարում էին և խմիչք հրամցնում զինվորներին։
Ալբան և նրա մարդիկ խիստ զարմանում էին այդ գեղջուկների պարզության վրա, որոնք երգում և ուրախանում էին, երբ շուրջ բոլոր զինված մարդիկ էին։
Եվ սայլերի մեջ եղողները իրենց ամբողջ գինին զինվորներին բաժանեցին։
Եվ սրանք էլ ջերմագին ծափահարեցին նրանց, հրճվեցին միասին։
Երբ սայլերի մեջ այլևս գինի չմնաց՝ գեղջուկներն ու գեղջկուհիները ճանապարհ ընկան թմբուկների, փողերի ու պարկապզուկների հնչյունների ներքո․ գնում էին ազատ ու համարձակ․
Եվ ուրախացած զինվորները ի պատիվ նրանց հրահարների՝ մի համազարկ տվին։
Եվ այդ ձևով էլ նրանք մտան Մաաստրիխտ, ուր Ուլենշպիգելը համաձայնության եկավ ռեֆորմիստական գործակալների հետ՝ նավերով զենք ու ռազմամթերք ուղարկելու Լռակյացի նավատորմին։
Եվ նույնը նրանք արին Լանդենում։
Եվ այդպես գնում էին նրանք ամենուրեք՝ օրավարձով աշխատող բանվորների արտաքինով ծպտված։
Դուքսն իմացավ այս ռազմական խորամանկությունը։ Այդ մասին մի երգ հորինվեց, ուղարկվեց նրան․ դրա կրկներգն այսպես էր․
<poem>
Դուքս արնախում ու չնչին,
Տեսե՞լ ես նորահարսին։
</poem>
Եվ ամեն անգամ, երբ նա որևէ սխալ գործողություն էր կատարում, զինվորները երգում էին․
<poem>
Դուքսը հարսին նայեց՝
Աչքի լույսը կտրվեց։
</poem>
===XXIV===
Այդ միջոցին Ֆիլիպ արքան համակված էր մոլեգին տխրությամբ։ Իր ցավագար փառասիրության մեջ աղոթում էր նա աստծուն, որ զորություն տա հաղթելու Անգլիային, նվաճելու Ֆրանսիան, գրավելու Միլանը, Ջենովան, Վենետիկը և, որպես ծովերի մեծագույն տիրակալ, իշխի, ուրեմն, բովանդակ Եվրոպայի վրա։
Այդ հաղթանակի վրա մտածելիս նա երբեք չէր ծիծաղում։
Նա շարունակ մրսում էր, գինին չէր ջերմացնում նրան, ոչ էլ հոտավետ փայտի կրակը, որ շարունակ վառվում էր սրահում, ուր նա ապրում էր։ Անընդհատ գրելով, շրջապատված անհամար նամակներով, որոնցով հարյուր տակառ կարելի էր լցնել՝ նա երազում էր համաշխարհային տիրակալության մասին, ինչպես Հռոմի կայսրերի տիրապետությունն էր։ Նրա մտքից չէր հեռանում նաև նախանձոտ ատելությունը դեպի իր որդին՝ դոն Կառլոսը՝ այն օրվանից ի վեր, երբ սա ցանկացել էր գնալ Նիդեռլանդիա՝ Ալբայի դքսի տեղը, անշուշտ նրա փոխարեն իշխելու համար։ Եվ նրան տեսնում էր տգեղ, այլանդակ, տձև, խենթ, ժանտասիրտ ու չար․ և է՛լ ավելի էր ատում։ Բայց ամենևին չէր խոսում նրա մասին։
Նրանք, որոնք ծառայում էին Ֆիլիպ արքային ու նրա որդուն՝ դոն Կառլոսին, չգիտեին թե ումից ավելի պետք էր վախենային․ թեթևաշարժ, ջարդարար, եղունգներով իր սպասավորներին պատառոտող որդո՞ւց, թե երկչոտ ու ծածկամիտ, հարվածելու համար ուրիշներին գործի լծող և բորենու պես դիակով սնվող հորից։
Սպասավորները սարսափահար էին լինում, տեսնելով, թե ինչպես են նրանք իրար շուրջը սլքտում։ Եվ ասում էին, որ շուտով մեկը մահանալու է Էսկորիալում։
Եվ շատ չանցած նրանք իմացան, որ դոն Կառլոսը բանտարկված է պետական դավաճանության համար։ Նրանք իմացան նաև, որ սև վիշտը կրծում է նրա հոգին, որ նա իր դեմքը վիրավորել է՝ ուզենալով փախչել բանտի ճաղերի միջից՝ ազատվելու համար, և որ Իզաբել դը Ֆրանսը՝ նրա մայրը<ref>Ավելի ճիշտը՝ Էլիզաբեթ Վալուա՝ ֆրանսիական Հենրի Ա թագավորի քույրը, Ֆիլիպ II֊ի երկրորդ կինը, որ դոն Կառլոսի խորթ մայրն էր։</ref> շարունակ լաց է լինում։
Բայց Ֆիլիպ արքան երբեք չէր լալիս։
Լուր հասավ նրանց, որ դոն Կառլոսին խակ թուզեր էին տվել ուտելու և հաջորդ օրը նա մեռել էր՝ քնել և չէր արթնացել։ Բժիշկներն ասացին․ հենց որ նա թուզերը կերել է, արյունը դադարել է շրջան կատարելուց, կյանքի ֆունկցիաները, ինչպես բնությունն է պահանջում, խզվել էին․ նա այլևս չէր կարողացել ոչ թքել, որ փսխել, ոչ էլ մարմնից որևէ բան արտածել։ Նրա փորը ուռել էր մահանալիս։
Ֆիլիպ արքան ներկա եղավ հոգեհանգստի պատարագին, որ կատարվեց դոն Կառլոսի համար, թաղել տվեց նրան արքայական աթոռանիստի եկեղեցու մեջ, շիրմաքար դրեց նրա գերեզմանին, բայց ամենևին լաց չեղավ։
Եվ սպասավորները իրար հետ խոսելիս ծանակում էին իշխանական տապանագիրը, որ արված էր շիրմաքարի վրա․
Աստ հանգչի նա, որ խակ թուզ ուտելուց մեռավ, թեև դրանից չհիվանդացավ․
<poem>
A qui jaze qui para desit verdad,
Morio s'in infirmidad.
</poem>
Եվ Ֆիլիպ արքան ցանկասեր հայացքով նայեց իշխանուհի Էբոլիին, որն ամուսնացած էր։ Արքան նրա սերը խնդրեց, նա էլ համաձայնեց։
Իզաբել թագուհին, որի մասին ասում էին, թե հովանավորել էր դոն Կառլոսի դիտավորությունները Նիդեռլանդիայի վերաբերյալ, նիհարեց ու համակվեց վշտով։ Եվ նրա մազերն սկսեցին փունջ֊փունջ թափվել։ Նա սկսեց հաճախ սրտախառնուք ունենալ, և ոտքերի ու ձեռքերի եղունգներն էլ թափվեցին։ Եվ նա մեռավ։
Եվ Ֆիլիպը լաց չեղավ։
Էբոլի իշխանի մազերն էլ նմանապես թափվեցին։ Նա տխրեց և շարունակ գանգատվում էր։ Հետո նրա ոտքերի ու ձեռքերի եղունգները նույնպես թափվեցին։
Եվ Ֆիլիպ արքան նրան թաղել տվեց։
Նա այրի տիկնոջ սուգը փարատեց և լաց չեղավ։
===XXV===
Այդ միջոցին դամմեցի մի քանի կին ու աղջիկ եկան Նելեի մոտ հարցնելու, թե չի՞ ուզում դառնալ «մայիսյան հարս» և թաքնվել թփերի մեջ այն փեսացուի հետ, որ իրենք կճարեն նրա համար․ որովհետև, ասում էին կանայք ոչ առանց նախանձի, չկա ամբողջ Դամմեում ու շրջակայքում թեկուզ մի տղամարդ, որ չուզենար նրա փեսացուն դառնալ, որ շարունակում էր մնալ այնքա՜ն գեղեցիկ, անբասիր ու թարմ։ Կախարդական մի շնորհ է անկասկած։
― Մորաքույրնե՛ր, ― պատասխանեց Նելեն, ― ասացեք ինձ տենչացող երիտասարդներին, որ Նելեի սիրտն այստեղ չէ, այլ պատկանում է նրան, որ թափառում է պապենական երկիրն ազատագրելու համար։ Եվ եթե ես թարմ եմ, ինչպես դուք եք ասում, դա ոչ թե կախարդական պարգև է, այլ առողջության հետևանք։
Սանամայրերը պատասխանեցին․
― Այնուամենայնիվ Կատլինը կասկածվում է։
― Մի՛ հավատացեք չար մարդկանց խոսքերին, ― ասաց Նելեն։ ― Կատլինը կախարդ չէ։ Արդարադատության պարոնները խծուծ վառեցին նրա գլխի վրա, և աստված հարվածեց նրան խելագարությամբ։
Եվ Կատլինը օրորելով գլուխը սենյակի անկյունում, ուր պպզած նստել էր, կրկնում էր․
― Հեռացրե՛ք կրակը․ նա կվերադառնա՝ Հանսկեն, անուշիկս։
Կանայք հարցրին, թե ո՛վ է այդ Հանսկեն՝ Նելեն պատասխանեց․
― Կլաասի որդին է՝ իմ կաթնեղբայրը, որ Կատլինը կարծում է, թե կորցրել է այն օրվանից, երբ աստված հարվածեց նրան։
Եվ բարի կանայք արծաթ պատարներ տվեցին Կատլինին։ Եվ երբ դրանց մեջ նորերն էին լինում՝ նա ցույց էր տալիս իբր թե մի մարդու, որին ոչ ոք չէր տեսնում իհարկե, և ասում էր․
― Հարուստ եմ ես շողշողուն արծաթով հարուստ։ Ե՛կ, Հանսկե, անուշիկս․ ես կվճարեմ քո սիրո համար։
Եվ երբ սանամայրերը գնացին՝ Նելեն լաց եղավ մենավոր խրճիթում։ Նա մտածում էր Ուլենշպիգելի մասին, որ թափառում էր հեռու երկրներում, և ինքը չէր կարող ընկերակցել նրան․ մտածում էր և Կատլինի մասին, որ հեծեծում էր ՝ «Հեռացրեք կրակը», զույգ ձեռքով բռնում էր կուրծքը՝ այդպիսով ցույց տալով, որ խելացնորության կրակը տենդագին կերպով վառում է գլուխն ու մարմինը։
Այդ միջոցին «մայիսյան հարսն ու փեսան» թաքնվեցին խոտերի մեջ։
Այն տղան կամ այն աղջիկը, որ գտնում էր նրանցից մեկին՝ ըստ իր գտածի և իր սեռի դառնում էր հանդեսի թագավորը կամ թագուհին։
Նելեն լսեց տղաների ու աղջիկների ուրախության աղաղակները, երբ գտնվեց «մայիսյան հարսը» մի փոսի եզրին՝ թաքնված բարձր աճած խոտերի մեջ։
Եվ նա լալիս էր՝ մտածելով այն քաղցր օրերի մասին, երբ ինքն ու իր բարեկամ Ուլենշպիգելն էլ փնտրում էին «մայիսյան հարսին»։