Changes
/* XXX */
Եվ եղնիկների պես վազեցին նրանք դեպի Դեստելբերգ և գտան Լամմեին «Երեք մոգերի աստղ» պանդոկում ուտելիս։
===XXXI===
Ուլենշպիգելը Գենտում հաճախ էր տեսնում Սկուլապին Լիվեն Սմեթին և Յան դե Վուլֆլագերին, որոնք լուրեր էին հաղորդում նրան Լռակյացի հաջողությունների ու անհաջողությունների մասին։
Եվ ամեն անգամ, որ Ուլենշպիգելը վերադառնում էր Դեստիլբերգ, Լամմեն ասում էր նրան․
― Ի՞նչ ես բերել․ բախտավորությո՞ւն, թե դժբախտություն։
― Ավա՜ղ, ― ասում էր Ուլենշպիգելը, ― Լռակյացը, նրա եղբայր Լյուդվիգը, մյուս պարագլուխներն ու ֆրանսիացիները վճռել էին ավելի առաջ գնալ Ֆրանսիայում ու միանալ Կոնդեի իշխանին։<ref>Կոնդե ընտանիքը բուրբոնյան հարստության ճյուղերից մեկն է։ Տվել է Ֆրանսիայի պատմության մեջ կարևոր դեր խաղացած բազմաթիվ իշխաններ։ Այստեղ հիշատակվածը Լուի I֊ն է, Հենրի IV արքայի հորեղբայրը․ կալվինիստ էր, սպանվեց Ժառնակի ճակատամարտում (1530―1569)։</ref> Այսպիսով նրանք կփրկեին բելգիական թշվառ հայրենիքը և ազատ խիղճը։ Բայց աստված չուզեց․ ռեյտարները և գերմանական լանդսկնեխտները հրաժարվեցին առաջ գնալ և հայտարարեցին, թե իրենք երդվել են գնալ Ալբայի դքսի և ոչ թե Ֆրանսիայի դեմ։ Իզուր նրանց աղաչելով, որ կատարեն իրենց պարտքը՝ Լռակյացը ստիպված է եղել տանել նրանց Շամպայնի ու Լոթարինգիայի միջով մինչև Ստրասբուրգ, որտեղից նրանք մտել են Գերմանիա։ Այդ հանկարծակի ու համառ մեկնումից փոխվում է ամեն ինչ․ ֆրանսիական թագավորը, չնայած իշխանի հետ կնքած պայմանագրին՝ հրաժարվում է տալ իր խոստացած դրամը․ Անցյալի թագուհին ուզում էր դրամ ուղարկել նրան Կալե քաղաքն ու շրջանը վերստանալու պայմանով, բայց նրա նամակները բռնվում են ու հանձնվում Լոթարինգիայի կարդինալին, որը մերժողական պատասխան է ուղարկում նրան։
Եվ այսպես մենք տեսնում ենք, որ հավախոսին անհետանում, տեսիլքների պես փլչում է այդ հիանալի բանակը, մեր հույսը։ Բայց աստված մեզ հետ է, և եթե հողը պակասում է մեզ, ջուրը կանի իր գործը։ Կեցցե՜ն գյոզերը։
===XXXII===
Մի օր այն աղջիկը դառն արտասվելով եկավ Լամմեի և Ուլենշպիգելի մոտ և ասաց․
― Սպելլեն Մյոլեստեում փող առնելով բաց է թողնում մարդասպաններին ու ավազակներին։ Անմեղ մարդկանց մահվան է դատապարտում։ Եղբայրս՝ Միխելկինն էլ նրանց մեջ է։ Թույլ տվեք պատմեմ ձեզ եղելությունը, որովհետև դուք տղամարդ եք և նրա վրեժը կլուծեք։ Մի կեղտոտ ու լիրբ անառակ՝ Պետեր դե Ռոզեն, որ մշտապես հրապուրում է տղաների ու աղջիկների, այդ փորձանքը բերեց մեր գլխին։ Ավա՜ղ։ Խեղճ եղբայրս Միխելկինը և Պետեր դե Ռոզեն մի երեկո գտնվեցին միասին նույն գինետանը՝ Valck<ref>«Բազե»(ֆլամանդ․)</ref>֊ում, բայց ոչ նույն սեղանի շուրջը։ Այդտեղ ամեն ոք խույս էր տալիս Պետեր դե Ռոզից, ինչպես ժանտախտից։
Եղբայրս չցանկանալով նրան տեսնել միևնույն սրահում, իր կողքին, անվանեց նրան շվայտ արվամու և հրամայեց հեռանալ այդտեղից։
Պետեր դե Ռոզեն պատասխանեց․
― Փողոցային անառակի եղբայրը չի կարող այդպես մեծամիտ լինել։
Նա ստում էր․ ես փողոցային չեմ․ ես տրվում եմ միայն նրան, ով ինձ դուր է գալիս։
Միխելկինը այդ խոսքի վրա գարեջրի իր գավը նետում է նրա քիթ ու բերնին և ասում, որ նա ստում է կեղտոտ անառակի պես, որպիսին է, ու սպառնում, որ եթե չկորչի՝ իր բռունցքը մինչև արմունկը բերանը կկոխի։
Պետերն ուզում էր դեռ խոսել, բայց Միխելկլինն անում է այն, ինչ ասել էր․ բռունցքի երկու ուժգին հարված է հասցնում նրա կզակին՝ ատամները ջարդում և բռնելով հենց կզակից, որովհետև Պետերը կծում էր, հասցնում է փողոցը, ուր և թողնում է ջարդուփշուր արած, առանց խղճալու։
Պետեր դե Ռոզեն առողջանալուց հետո չկարողանալով միայնակ մնալ, գնում է in'tVagevuur, մի իսկական քավարան ու տխուր գինետուն, որ միայն խեղճ մարդիկ էին լինում։ Այդտեղ էլ նրան մենակ են թողնում՝ նույնիսկ այդ գջլոտները։ Եվ ոչ ոք չի խոսում հետը, բացի մի քանի գեղջուկներից, որոնք չէին ճանաչում նրան, և մի քանի չնչին թափառաշրջիկներ կամ թոկից փախածներ։ Նույնիսկ շատ անգամ ծեծ է ուտում այդտեղ, որովհետև կռվարար է։
Երբ ավագ դատավոր Սպելլեն եկավ Մյոլեստե իր երկու մարդորսների հետ՝ Պետեր դե Ռոզեն հավատարիմ շան պես սկսեց ամեն տեղ ուղեկցել դրանց ու իր հաշվին հյուրասիրել դրանց գինով, մսով և բազում այլ հաճույքներով, որոնք փողով են ձեռք բերվում։ Եվ այդպես դարձավ նրանց ընկերն ու բարեկամը և սկսեց իր ամբողջ չարությունը գործի դնել տանջելու համար նրանց, ում ատում էր․ դրանք Մյոլետեի բնակիչներն էին՝ հատկապես իմ եղբայրը։
Ամենից առաջ նա ձեռք զարկեց Միխելկինին։ Ֆլորինի ծարավ սրիկաներ՝ կեղծ վկաներ հայտարարեցին, թե Միխելկինը հերետիկոս է, կեղտոտ խոսքեր է ասել աստվածածնի մասին և բազմիցս նշավակել աստծու անունը ու սրբորեն Valek գինետամ մեջ, և ի միջի այլոց, երեք հարյուր ֆլորին ունի մի սնդուկում։
Չնայած վկաների բարի վարք ու կենցաղ չունենալուն՝ Միխելկինը ձերբակալվեց, և Սպելեն ու նրա մարդորսները հայտարարեցին, թե ապացույցները բավարար են մեղադրյալին տանջանքի ենթարկելու համար։ Եվ Միխելկինին բազուկներից կախեցին առաստաղին մի ճախարակից՝ ամեն մի ոտքին հիսուն ֆնտանոց ծանրություն ամրացնելով։
Նա բացասեց մեղադրանքը՝ ասելով, որ Մյոլեստեում եթե կա մի չնչին, ցոփ, աստվածանարգ սրիկա՝ ապա դա Պետեր Ռոզեն է, և ոչ թե ինքը։
Բայց Սպելլեն չուզեց ոչինչ լսել և հրամայեց իր մարդորսներին, որ Միխելկինին քաշեն մինչ առաստաղը և թափով ցած թողնեն՝ ծանրություններն էլ ոտքին։ Այդպես էլ արին, և այնքան անգթաբար, որ Միխելկինի ճաների մորթն ու մկանները պայթեցին և ոտքը հազիվ էր պահվում սրունքից։
Միխելկինը համառ կերպով կրկնում էր, թե ինքն անմեղ է, ուստի Սպելլեն նորից չարչարել տվեց նրան՝ հասկացնելով հանդերձ, որ եթե մի հարյուր ֆլորին տա իրեն՝ ազատ ու անպարտ կարձակի նրան։
Միխելկինն ասաց, որ կգերադասի մեռնել, քան թե փող տալ։
Մյոլեստենցիներն իմանալով նրա ձերբակալությունն ու տանջանքի ենթարկվելը՝ ուզեցին բազմավկայություն տալ, այսինքն՝ համայնքի բոլոր լավ բնակիչների համատեղ վկայությունը։ Նրանք ասացին, որ Միխելկինը ամենևին հերետիկոս չէ․ ամեն կիրակի գնում էր պատարագի, իսկ մեծ տոներին՝ ներկայանում էր սուրբ սեղանին․ նա աստվածամոր անունը բերան էր առնում միայն այն ժամանակ, երբ օգնության էր կանչում ծանր վիճակում գտնվելիս, և քանի որ ոչ մի անգամ վատ խոսք չէր ասել երկրային որևէ կնոջ մասին, առավել ևս չէր համարձակվի այդպիսի բան ասել աստծու երկնային մոր մասին։ Գալով աստվածանարգ խոսքերին, որ կեղծ վկաները հայտարարեցին, թե լսել են նրա բերանից Valck գինետանը, ապա դա ամեն կողմից ստահոդ է ու կեղծ։
Միխելկինն ազատ արձակվեց, կեղծ վկաները պատժվեցին, և Սպելլեն իր ատյանը կանչեց Պետեր դե Ռոզեին, բայց առանց հարցաքննելու և տանջելու բաց թողեց՝ միանվագ հարյուր ֆլորին ստանալով։
Պետեր դե Ռոզեն վախենալով, թե չլինի՞ իր մոտ մնացած փողը նորից գրավի Սպելլեի ուշադրությունը՝ փախավ Մյոլեստեից, մինչդեռ Միխելկինը՝ իմ խեղճ եղբայրը մեռավ ոտքի մեջ առաջ եկած փտախտից։
Նա, որ չէր ուզում ինձ տեսնել, այնուամենայնիվ կանչել տվեց ինձ և ասաց, որ զգուշանամ մարմնիս մեջ եղած կրակից, որն ինձ կարող է հասցնել դժոխքի կրակին։ Իսկ ես կարողացա միայն լաց լինել, որովհետև կրակը իմ մեջն է։ Եվ իմ ձեռքերի վրա նա հոգին փչեց։
― Պա՛հ, ― գոչեց նա, ― այն տղամարդը, որ Սպելլեից կլուծի իմ սիրելի և հեզ Միխելկինի մահվան վրեժը, կլինի իմ մշտական տերը, և շան պես ես կհնազանդվեմ նրան։
Երբ նա խոսում էր՝ Կլաասի աճյունը բախեց Ուլենշպիգելի կրծքին։ Եվ Ուլենշպիգելը որոշեց կախել տալ ջարդարար Սպելլեին։
Բոլկինը, այդպես էր աղջկա անունը, վերադարձավ Մյոլեստե, իր կացարանը՝ միանգամայն անահ Պետեր դե Ռոզեի վրիժառությունից, որովհետև մի եզնարած Դեստելբերգից անցնելիս նրան հայտնել էր, որ ավագերեցն ու քաղաքացիները հայտարարել էին, որ եթե Սպելլեն ձեռք տա Միխելկինի քրոջը՝ ապա իրենք նրան քարշ կտան դքսի մոտ։
Ուլենշպիգելը ուղեկցելով նրան Մյոլեստե՝ մտավ Միխելկինի տան ներքնասրահը, ուր տեսավ խմորեղենի վարպետի մի նկար, որ ենթադրեց, թե խեղճ հանգուցյալինը կլինի։
Եվ Բոլկինն ասաց․
― Եղբորս նկարն է։
Ուլենշպիգելը վերցրեց նկարը և դուրս գալով, ասաց․
― Սպելլեն կախաղան կհանվի՛։
― Ինչպե՞ս ես անելու, ― հարցրեց աղջիկը։
― Եթե իմանայիր՝ այլևս որևէ հաճույք չէիր զգա տեսնելիս։
Բոլկինը գլուխն օրորեց և տխրագին ձայնով ասաց․
― Ինձ ամենևին չես վստահում։
― Մի՞թե առավելագույն վստահությունը չե՞մ տածում, երբ քեզ ասում եմ, որ «Սպելլեն կախաղան կհանվի», որովհետև միայն այս երկու խոսքով դու կարող ես ինձ կախել տալ նրանից առաջ։
― Ճիշտ որ, ― ասաց աղջիկը։
― Ուրեմն, ― վրա բերեց Ուլենշպիգելը, ― գնա և լավ կավ ճարիր, երկու տկճոր գորշ գարեջուր, մաքուր ջուր և մի քանի շերտ եզան միս։ Բոլորն էլ ջոկ֊ջոկ։ Եզան միսն ինձ համար է, գարեջուրը մսի համար է, ջուրը կավի համար, կավը նկարաքանդակի համար։
Ուլենշպիգելն ուտելով ու խմելով փափկացնում էր կավը, երբեմն էլ դրանից մի կտոր կուլ էր տալիս, բայց չէր մտահոգվում դրանից, և խիստ ուշադիր զննում էր Միխելկինի նկարը։ Երբ կավը լավ փափկացրեց՝ սկսեց դրանով շինել մի դիմակ, որի քիթը, բերանը, աչքերն ու ականջները այնքան նման էին նկարին, որ Բոլկինը ապուշ կտրեց։
Դրանից հետո նա դիմակը դրեց հնոց, և երբ չորացավ՝ ներկեց դիակի գունով, նկարեց դաժան աչքեր, խիստ դեմք և հոգևարքի այլ կծկումներ։ Աղջիկն ապշած դիտում էր դիմակը և, չկարողանալով աչքերը կտրել դրանից, գունատվեց, դեղնեց, ծածկեց դեմքը և ցնցվելով ասաց․
― Նա է, իմ խեղճ Միխելկինը։
Ուլենշպիգելը պատրաստեց նաև երկու արնաթաթավ ոտք։
Ապա Բոլկինը հաղթահարելով իր առաջին սոսկումը՝ ասաց․
― Օրհնյալ լինի նա, ով կհոշոտի հոշոտողին։
Ուլենշպիգելը վերցնելով դիմակն ու ոտքերը՝ ասաց․
― Ինձ մի օգնական է պետք։
Բոլկինը պատասխանեց․
― Գնա in de Blauwe Gans` «Կապույտ սագը»․ իպրեցի Յոս Լանսաամի մոտ, որ բանեցնում է այդ գինետունը։ Նա իմ եղբոր ամենալավ ընկերն ու բարեկամն էր։ Ասա նրան, որ Բոլկինն է քեզ ուղարկել։
Ուլենշպիգելը արեց այնպես, ինչպես աղջիկն ապսպրեց։
Մահվան համար աշխատելուց հետո ավագ դատավոր Ստելլեն գնում էր in't Valek` «Բազե» պանդոկը՝ խմելու կրկնագարեջրի և կինամոնով ու շաքարով համեմված մադերայի տաք խառնուրդ։ Այդ պանդոկում չէին համարձակվում որևէ բան մերժել նրան՝ կախվելուց վախենալով։
Պետեր դե Ռոզեն նորից համարձակություն ձեռք բերելով՝ վերադարձել էր Մյոլեստե։ Նա ամեն տեղ հետևում էր Ապելլեին ու նրա մարդորսներին նրանցից պաշտպանություն գտնելու համար։ Սպելլեն երբեմն ինքն էր վճարում խմիչքի արժեքը։ Եվ նրանք միասին ուրախ֊զվարթ վայելում էին զոհերի փողը։
«Բազե» պանդոկն այլևս այնպես չէր լցվում, ինչպես այն օրերին, երբ գյուղաքաղքն ապրում էր ուրախ, պաշտում էր աստծուն, կաթոլիկաբար և դա նկատվում էր բազմաթիվ դատարկ կամ փակված տներից, ամայի փողոցներից, ուր թափառում էին մի քանի լղար շներ և աղբակույտերում նեխած սնունդ որոնում։
Մյոլեստեում միայն երկու չարագործների համար տեղ կար։ Գյուղի ահաբեկված բնակիչները տեսնում էին, որ նրանք ցերեկը անցնում են լրբորեն ու նշանակում ապագա զոհերի տները, կազմում մահվան ցուցակները․ իսկ երեկոյան, «Բազեից» վերադառնալիս երգում էին կեղտոտ երգեր, մինչդեռ երկու մարդորսները՝ նույնպես հարբած՝ մինչև ատամները զինված հետևում էին նրանց որպես թիկնապահեր։
Ուլենշպիգելը գնաց in de Blauwe Gans` «Կապույտ սագը», Յոս Լանսաամի մոտ, որ իր հաշվեսեղանի մոտ էր։
Ուլենշպիգելը գրպանից մի շիշ գինօղի հանեց և ասաց․
― Բոլկինը սրանից երկու տակառ ունի ծախու։
― Գնանք խոհանոց, ― ասաց պանդոկապանը։
Եվ այնտեղ դուռը փակելով ու շեշտակի նայելով՝ ասաց․
― Դու, իհարկե, գինօղու վաճառական չես․ ի՞նչ է նշանակում այդ ակնթարթումը։ Ո՞վ ես դու։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Ես Դամմեում այրված Կլաասի որդին եմ․ հանգուցյալի աճյունը բախում է կրծքիս․ ուզում եմ սպանել Սպելլեին՝ ջարդարարին։
― Բոլկի՞նն է քեզ ուղարկել, ― հարցրեց պանդոկապանը։
― Բոլկինն է ուղարկել։ Ես կսպանեմ Սպելլեին․ դու ինձ պետք է օգնես։
― Կօգնեմ։ Ի՞նչ պետք է անել։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Գնա ավագերեցի մոտ․ նա լավ հովիվ է և թշնամի Սպելլեին։ Հավաքիր բարեկամներիդ, և վաղը, լույսերը հանգցնելուց հետո նրանց հետ եղիր Էվերգեմի ճանապարհի վրա, Սպելլեի տնից այն կողմ, «Բազեի» և այդ տան միջև։ Ամենքդ էլ թաքնվեցեք խավարի մեջ և ոչ ոք սպիտակ հագուստով չլինի։ Ժամը տասը խփելուն պես կտեսնես Սպելլեին՝ պանդոկից դուրս գալիս, իսկ մյուս կողմից մի սայլ։ Այս երեկո իմաց մի՛ տա բարեկամներիդ․ նրանք իրենց կանանց ականջներին շատ մոտ են քնում։ Վաղը կտեսնես նրանց։ Կգաք, ամեն ինչ լավ կլսեք ու լավ կհիշեք։
― Կհիշենք, ― ասաց Յոսը։ Եվ բարձրացնելով իր թասը ասաց։ ― Խմում եմ Սպելլեի պարանի կենացը։
― Պարանի կենացը, ֊ ասաց Ուլենշպիգելը։ Հետո պանդոկապանի հետ վերադարձավ սրահ, ուր խմում էին մի քանի հնավաճառ գենտցիներ, որոնք վերադարձել էին Բրյուգգեի շաբաթօրյա տոնավաճառից, ուր թանկ֊թանկ ծախել էին թավշե բաճկոնակներ, ոսկեճամուկ, արծաթահուռ թիկնոցներ, որ չնչին գնով գնել էին իսպանացիների պերճանքն ընդօրինակել ցանկացող և դրանից էլ կործանված մեր ազնվականներից։
Եվ մեծ վաստակի պատճառով կերուխում էին անում ու զվարճանում։
Ուլենշպիգելը և Յոս Լանսաամը նստած մի անկյունում, խմում էին և խոսում շշուկով․ նրանք պայմանավորվեցին, որ Յոսը կգնա եկեղեցի, ավագերեցի մոտ, որ բարի հովիվ է և զայրացած է անմեղներին կոտորող Սպելլեի վրա։ Դրանից հետո կգնա իր բարեկամների մոտ։
Հաջորդ օրը Յոս Լանսաամեն ու Միխելկինի նախազգուշացված բարեկամները դուրս եկան Blauwe Gans֊ից, որտեղ գարեջուր էին խմում թե՛ ըստ սովորության և թե՛ իրենց դիտավորությունը թաքցնելու համար, լույսերը մարելու ազդանաշանից հետո մեկնեցին տարբեր ճանապարհներով և եկան Էվերգեմի խճուղին։ Նրանք տասնյոթ հոգի էին։
Ժամը տասին Սպելլեն դուրս եկավ «Բազեից» իր երկու մարդորսների ու Պիտեր դե Ռոզեի ուղեկցությամբ։ Լանսաամն ու ընկերները թաքնվել էին Միխելկինի բարեկամ Սամսոն Բոնեի մարագում, որի դուռը բաց էր։ Սպելլեն նրանց չտեսավ։
Նրանք լսեցին, որ նա անցավ, ինչպես և երկու մարդորսները և Պիտեր դե Ռոզեն՝ խմիչքից օրորվելով և ծոր ձայնով ու հաճախակի զկռտոցներով ասելով․
― Դատավորնե՛ր, դատավորնե՛ր, լավ կյանք եք վարում այս աշխարհում․ պահեցեք ինձ սրիկանե՛ր․ որ ապրում եք իմ կրճոններով։
Հանկարծ խճուղուց, դաշտի կողմից լսվեց էշի զռոց ու մտրակի շառաչ։
― Այս ի՜նչ խև ավանակ է, որ չի ուզում առաջ գալ, չնայած իր քաղցրաձայն ազդարարության, ― ասաց Սպելլեն։
Հանկարծ խճուղու վերին ծայրից լսվեց անիվների դխկդխկոց և սայլակի ոստոստում։
― Կանգնեցրե՛ք դրան, ― գոռաց Սպելլեն։
Եվ որովհետև սայլն անցնում էր ճիշտ նրանց առջևից՝ Սպելլեն ու երկու մարդորսները խոյացան էշի վրա։
― Սայլակը դատարկ է, ― ասաց մարդորսներից մեկը։
― Հաստագլո՛ւխ, ― ասաց Սպելլեն, ― տեսե՞լ ես, որ գիշերով դատարկ սայլակներ գնան, այն էլ միայնակ։ Այդ սայլակում կա մեկը, որ թաքնվում է։ Վառեցեք լապտերները, բարձրացրեք, հիմա ինքս կնայեմ։
Լապտերները վառեցին, և Սպելլեն բարձրացավ սայլը՝ իր լապտերը բռնած․ բայց հազիվ էր նայել, որ սուր ճիչ արձակեց ու հետ քաշվելով ասաց․
― Միխելկի՜նը, Միխելկի՜նը․ տե՜ր Հիսուս, գթա ինձ։
Այնժամ սայլի խորքից բարձրացավ մի մարդ, որ հրուշակագործի պես սպիտակ էր հագել և ձեռքերին բռնել էր զույգ արնաշաղախ ոտքեր։
Պիտեր դե Ռոզեն էլ տեսնելով, որ մի մարդ ելավ կանգնեց, և հենց որ լապտերների լույսն ընկավ վրան՝ գոռաց երկու մարդորսների հետ․
― Միխելկի՜նը, Միխելկի՜նը, հանգուցյա՜լը․ տե՜ր աստված, գթա մեզ։
Աղմուկի վրա վազեցին եկան տասնյոթ ընկերները՝ տեսարանը դիտելու և խիստ սարսափեցին, երբ լուսնյակի լույսով տեսան, թե որքա՜ն Միխելկինի պատկերը նման էր խեղճ հանգուցյալին։
Եվ ուրվականը տարուբերում էր իր արնոտ ոտքերը։
Նրա նույն լիքը և կլորիկ դեմքն էր՝ միայն թե մահվան գունատությամբ, սպառնագին, կապտած և կզակի մոտ որդնակեր։
Ուրվականը շարունակելով շարժել իր արնոտ ոտքերը՝ ասաց Սպելլեին, որ մեջքի վրա փռված հեծեծում էր․
― Սպելլե՛, դատավոր Սպելլե՛, սթափվի՛ր։
Բայց Սպելլեն չէր շարժվում։
― Սպելլե՛, ― նորից ասաց ուրվականը, ― դատավոր Սպելլե՛, սթափվիր, ապա թե ոչ ես քեզ ինձ հետ կիջեցնեմ տարտարոսի լայն բացված երախը։
Սպելլեն վեր կացավ և սարսափից մազերը ցցված՝ գոչեց վշտալի շեշտով։
― Միխելկի՛ն, Միխելկի՛ն, գթա ինձ։
Արդեն քաղաքացիներ էին հավաքվել, բայց Սպելլեն ոչինչ չէր տեսնում, բացի լապտերներից, որ ընդունում էր սատանաների աչքերի տեղ։ Այդ բանը նա խոստովանեց հետո։
― Սպելլե՛, ― ասաց Միխելկինի ուրվականը, ― պատրա՞ստ ես մեռնելու։
― Ոչ, ― պատասխանեց ավագ դատավորը, ― ոչ, տյա՛ր Միխելկին, ամենևին պատրաստ չեմ և չեմ ուզում ներկայանալ աստծուն՝ հոգիս մեղքերից այսպես սևացած։
― Ինձ ճանաչո՞ւմ ես, ― հարցրեց ուրվականը։
― Աստված ինձ օգնական, ― ասաց Սպելլեն, ― այո, ճանաչում եմ ձեզ․ դուք հրուշակագործ Միխելկինի ուրվականն եք․ նա մեռավ անմեղ, իր անկողնում՝ տանջանքների հետևանքով, և այդ երկու արնաշաղախ ոտքերը նրանն են, որոնց յուրաքանչյուրից ես հիսուն ֆունտանոց ծանրություն կախել տվի։ Ո՜վ Միխելկին, ներեցեք ինձ․ այն Պետեր դե Ռոզեն այնքան կպչունն էր․ նա ինձ մատուցեց հիսուն ֆլորին, որ ես ստացա՝ ձեր անունը ցուցակի մեջ մտցնելու համար։
― Ուզո՞ւմ ես խոստովանել, ― հարցրեց ուրվականը։
― Այո, տյա՛ր, ուզում եմ խոստովանել, ամեն ինչ ասել և ապաշխարել։ Սակայն բարեհաճեցեք հետ մղել այդ դևերին, որ կանգնել էլ այդտեղ՝ պատրաստ ինձ լափելու։ Ամեն ինչ կասեմ։ Հե՛տ տարեք այդ հրացայտ աչքերը։ Ես նույն բանն արել եմ Տուրնեում՝ հինգ քաղաքացիների նկատմամբ․ նույնը Բրյուգգեում՝ չորս մարդու։ Ես հիմա չեմ իմանում նրանց անունները, բայց կասեմ՝ եթե պահանջեք։ Այլ տեղեր էլ մեղանչել եմ, տե՛ր իմ, և իմ արածով վաթսունինը անմեղ մարդ գերեզման են մտել։ Միխելկի՛ն, արքային դրամ էր պետք։ Ինձ հասկացրել էին այդ, բայց ինձ ևս պետք էր․ հիմա դա Գենտումն է՝ իմ հարազատ մոր, պառավ Գրովելսի նկուղի սալարկի տակ։ Ամեն ինչ ասացի ― ամեն ինչ, գթացեք և ներեցեք։ Հե՛տ տարեք դեվերին։ Տե՜ր աստված, կույս Մարիամ, Հիսուս֊Քրիստոս, բարեխոսեցեք ինձ համար, հեռացրեք դժոխքի կրակը։ Ամեն ինչ կծախեմ ու բոլորը կբաժանեմ աղքատներին և կապաշխարեմ։
Ուլենշպիգելը նկատելով, որ քաղաքացիների բազմությունը պատրաստ է նեցուկ լինել իրեն՝ դուրս նետվեց Սպելլեի վրա, բռնեց նրա կոկորդը և ուզեց խեղդել։
Բայց ավագերեցը վրա հասավ։
― Թողեք ապրի, ― ասաց նա, ― ավելի լավ է, որ մեռնի դահճի պարանով, քան թե ուրվականի մատներով։
Ի՞նչ պիտի անեք նրան, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Մեղադրել նրան դքսի առաջ և կախել տալ, ― պատասխանեց ավագերեցը։ ― Բայց ո՞վ ես դու, ― հարցրեց նա։
― Ես Միխելկինի դիմակն եմ և ֆլամանդական մի խեղճ անձնավորություն, մի աղվես, որ մտնելու է գետնի տակ՝ իսպանական որսորդների ահից։
Այդ միջոցին Պետեր դե Ռոզեն փախչում էր ամենայն արագությամբ։
Եվ Սպելլեն կախաղան հանվեց, իսկ ունեցվածքը՝ բռնագրավվեց։
Եվ ժառանգեց արքան։
===XXXIII===
Հաջորդ օրը Ուլենշպիգելը քայլելով Լիսի՝ վճիտ գետի երկայնքով՝ դիմեց դեպի Կուրտրե։
Լամմեն քայլում էր խղճալի տեսքով։
Ուլենշպիգելը նրան ասաց․
― Դու փնթփնթում ես, փոքրոգի՛, խղճում այն կնոջը, որը գլուխդ պսակեց եղջերակրի կոտոշավոր թագով։
― Որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն, ― նա ինձ միշտ հավատարիմ է եղել․ ինձ սիրում էր բավականաչափ, իսկ ես շատ էի սիրում նրան, Հիսուս֊Քրիստոս։ Մի օր էլ գնաց Բրյուգգե ու վերադարձավ այդտեղից։ Այդ օրվանից սկսած ես նրանից սեր էի խնդրում, նա ինձ ասում էր․ «Ես քեզ հետ պետք է ապրեմ բարեկամուհու պես և ոչ այլ կերպ»։
Այնժամ տխուր, սրտաբեկ՝ ասում էի․
«Սիրեցյա՛լ անուշիկս, մենք ամուսնացանք աստծու առաջ։ Միթե քեզ համար չե՞մ արել այն ամենը, ինչ դու ուզել ես։ Քանի՜֊քանի՜ անգամ սև քաթանե բաճկոնակ ու կտավե վերարկու եմ հագել, որպեսզի, հակառակ արքայական հրամանների, քեզ տեսնեմ մետաքս ու դիպակ հագած Անուշի՛կս, ինձ այլևս չե՞ս սիրի»։ «Սիրում եմ քեզ, ― ասում էր նա, ― ըստ աստուծո ու նրա օրենքների, ըստ սուրբ կանոնի ու ապաշխարության։ Այնուամենայնիվ ես կլինեմ քո առաքինի ընկերուհին»։ ― «Ինձ պետք չէ քո առաքինությունը, ― ասացի ես, ― դու ես ինձ պետք, դու, կինս»։ Նա գլուխն օրորելով ասաց․ ― «Ես գիտեմ, որ դու բարի ես․ մինչև օրս դու եղել ես տան խոհարարը, որպեսզի ես զերծ մնամ տապակելու գործերից․ դու արդուկել ես մեր սավանները, փոթօձիքներն ու շապիկները, որովհետև արդուկն ինձ համար խիստ ծանր էր․ դու լվացել ես մեր սպիտակեղենը, ավլել ես տունը և փողոցի դռան առաջը, որպեսզի չթողնես ես հոգնեմ։ Հիմա էլ ես եմ ուզում աշխատել քո տեղը, բայց ոչ ավելի, մա՛րդս»։ ― «Ինձ համար դա դժվար չի եղել, ― պատասխանեցի ես, ― ես կլինեմ ինչպես մինչև հիմա, քո պատվո տիկինը, քո արդուկողը, քո խոհարարուհին, քո լվացարարուհին, քո հլու֊հնազանդ ստրուկը․ սակայն, ո՜վ կին, մի՛ բաժանիր այս երկու սրտերն ու մարմինները, որ մեկ են եղել․ մի՛ խզիր այս քաղցր սիրակապը, որ մեզ այնքան քնքշագին զոդել է»։ ― «Այսպես է պետք, ― ասաց նա»։ ― «Ավա՜ղ, ― ասացի ես, ― այդ դու Բրյուգգեո՞ւմն ես ընդունել այս դաժան որոշումը»։ ― «Երդվել եմ Աստծու ու նրա սրբերի առաջ, ― ասաց նա»։ ― «Ո՞վ է քեզ ստիպել երդվել ու չկատարել կնոջ պարտականությունները, ― գոչեցի ես»։ ― «Նա, ով ունի աստծու հոգին և ինձ դասում է իր ապաշխարողների շարքը, ― ասաց նա»։
Այդ օրվանից սկսած նա այնպես դադրեց լինել իմը, ինչպես եթե լիներ մի ուրիշի հավատարիմ կինը։ Եվ աղաչեցի նրան, նեղեցի, սպառնացի, լաց եղա, խնդրեցի։ Իզուր։ Մի երեկո էլ վերադառնալով Բլանքենբերգեից, ուր գնացել էի ստանալու իմ ագարակներից մեկի վարձագինը, տունը դատարկ գտա։ Անկասկած իմ աղաչանքներից հոգնած, իմ վշտից բարկացած ու տխրած կինս թողել փախել էր։ Ո՞ւր է նա հիմա։
Եվ Լամմեն նստեց Լիսի ափին, խոնարհելով գլուխը ու նայելով ջրին։
― Ա՜խ, սիրելի՛ բարեկամուհիս, որքա՜ն թմփլիկ էիր դու, քնքուշ ու գողտրիկ։ Երբևիցե քեզ պես վառյակ կգտնե՞մ։ Սիրո կրակի վրա դրված աման, միթե այլևս քո պարունակությունը չե՞մ ուտելու։ Ո՞ւր են քեմոնի բուրմունք ունեցող քո համբույրները, քո փոքրիկ բերանը, որտեղից հաճույք էի քաղում, ինչպես մեղուն վարդի մեղրը, քո սպիտակ բազուկները, որ գորովանոք փաթաթվում էին ինձ։ Ո՞ւր է քո բաբախուն սիրտը, քո կլորիկ լանջը և ամբողջովին սիրատրոփ հավերժահարսի մարմնիդ անուշիկ սարսուռը։ Բայց էլ ինչի համար հիշեմ քո հին ալյաքները, զովաշունչ գետակ, երբ արդեն ուրախ թավալում ես արևի տակ նոր այլաքներդ։
===XXXIV===
Անցնելով Պետեգեմի անտառի մոտով՝ Լամմեն ասաց Ուլենշպիգելին․
― Խաշվում եմ․ ստվերի տակ գնանք։
― Գնանք, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Նրանք նստեցին անտառում, խոտի վրա և այդ պահին տեսան իրենց առջևից անցնող եղջերուների խումբ։
― Լավ նայի՛ր, Լամմե, ― ասաց Ուլենշպիգելը՝ լցնելով իր գերմանական հրահանը։ Ահա խոշոր, մեծահասակ եղջերուներ, որ դեռ պսակ ունեն և հպարտությամբ կրում են իրենց իննճղանի կոտոշը․ քնքուշ եղնիկներ, որ նրանց զինակիրներն են՝ պատրաստ իրենց սրածայր եղջյուրներով ծառայելու նրանց, ոստոստում են նրանց կողքից։ Նրանք գնում են իրենց հանգստակայանը։ Պտտի՛ր հրահանի անվակը, ինչպես ես եմ անում, և կրակիր։ Մեծահասակ եղջերուն վիրավորված է։ Մի եղնիկի էլ զիստին է դիպել, փախչում է։ Հետևենք նրան, մինչև ընկնի։ Ինձ պես արա՝ վազի՛ր, ցատկի՛ր ու թռիր։
― Ի՞նչ ես ասում, խև՛ բարեկամ, ― ասաց Լամմեն, ― ընկնե՞լ վազող եղջերուների հետևից։ Առանց թևերի մի՛ թռիր, կորած աշխատանք է։ Չես հասնի նրանց։ Օ՜, անխիղճ ընկեր, կարծում ես քեզ պես թեթևաշա՞րժ եմ։ Քրտնում եմ, որդյա՛կ իմ․ քրտնել եմ ու հիմա կընկնեմ։ Եթե անտառապահը քեզ բռնի՝ կկախվես։ Եղջերուն թագավորի որսն է, թող փախչեն, որդյա՛կ իմ, ամենևին չես հասնի։
― Ե՛կ, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Լսո՞ւմ ես նրա եղջյուրների աղմուկը թավուտում։ Ասես ոլորապտույտ հողմ լինի։ Տեսնո՞ւմ ես դալար ճյուղերը կոտրտված, տերևները գետնին սփռված։ Մի նոր գնդակ է ստացել զիստի մեջ․ այս անգամ մենք կուտենք նրան։
― Դեռ եփված չէ, ― ասաց Լամմեն։ ― Թող գնան այդ խեղճ կենդանիները։ Օ՜, որքան շոգ է։ Հիմա երևի կընկնեմ ու այլևս վեր չեմ կենա։
Հանկարծ ամեն կողմից քրջոտ ու զինված մարդիկ լցվեցին անտառը։ Շները հաչեցին ու ընկան եղջերուների հետևից։ Չորս ամեհի մարդ շրջապատեցին Լամմեին և Ուլենշպիգելին ու տարան խիտ թավուտով շրջապատված մի բացատ, ուր իջևան հաստատած կանանց ու երեխաների մեջ տեսան բազմաթիվ մարդիկ՝ զինված տարբեր ձևով՝ սրերով, աղեղներով, հրահաններով, նիզակներով, տեգերով, ռեյտարական ատրճանակներով։
Երբ Ուլենշպիգելը նրանց տեսավ՝ ասաց․
― Գալարաճյուղերի՞ց եք դուք, թե անտառի եղբայրներ,<ref>Հավատացյալների համայնքների անուններ են․ ինկվիզիցիայից խույս տված՝ ապրում էին անտառներում։</ref> որ կարծես համայնքով ապրում եք այստեղ՝ հալածանքներից խուսափելու համար։
― Անտառի եղբայրներ ենք, ― ասաց մի ծերունի, որ նստել էր օջախի մոտ և մի քանի թռչուն էր տապակում տապկոցի մեջ։ ― Իսկ ո՞վ ես դու։
― Ես ֆլանդրիայի գեղեցիկ երկրից եմ՝ նկարիչ, շինական, ազնվատոհմիկ, քանդակագործ՝ բոլորը միասին։ Եվ այսպես ման եմ գալիս աշխարհում՝ գովելով լավ ու բարի գործերը և ամբողջ կոկորդովս ծիծաղելով հիմարությունների վրա։
― Եթե այդքան երկրներ ես տեսել, ― ասաց ծերունին, ― կարո՞ղ ես Գենտի բնակիչների պես արտասանել Schild ende Vriendt:
Ուլենշպիգելն արտասանեց՝ Schild ende Vriendt:
― Իսկ դու, ցմփոր, ― հարցրեց ծերունին դիմելով Լամմեին, ― քո՞ արհեստն ինչ է։
― Ուտել ու խմել հողերս ու տներս, այգիներս ու արտերս, փնտրել իմ կնոջը և ամեն տեղ հետևել իմ բարեկամ Ուլենշպիգելին։
― Եթե դու այդքան ճանապարհորդում ես, ― ասաց ծերունին, ― գիտե՞ս թե ինչպես են անվանում Վերտի բնակիչներին Լիմբուրգում։
― Չգիտեմ, ― ասաց Լամմեն։ ― Բայց ինձ չե՞ք ասի, թե ինչ է այն անպիտանի անունը, որ իմ կնոջը վտարեց տնից։ Ասեք խնդրեմ, որ անմիջապես դրա հոգին առնեմ։
Ծերունին պատասխանեց։
― Այս աշխարհում կա երկու բան, որ փախչելուց հետո երբեք չեն վարադառնա՝ ծախսված փողն ու ձանձրույթից փախած կինը։
Ապա խոսքն ուղղելով Ուլենշպիգելին՝ ավելացրեց․
― Գիտե՞ս, թե ինչպես են անվանում Վերտի բնակիչներին։
― De raeksteker-ներ կատվաձկան դիվահան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― որովհետև ձկնավաճառի սայլակից մի ողջ կատվաձուկ է ընկնում, և պառավ կանայք տեսնելով, որ ձուկը ոստոստում է՝ ընդունում են նրան սատանայի տեղ։ «Գնանք կանչենք երեցին, որ կատվաձկան դևը հանի», ― ասում են նրանք։ Քահանան հանում է դևն ու ձուկն առնում֊տանում և փառավորապես տապակում ի պատիվ Վերտի բնակիչների։ Աստված նույնն անի արնախում թագավորին։
Այդ միջոցին նորից շների հաչոցը տարածվեց անտառում։ Զինված մարդիկ վազելով անտառում՝ աղմկում էին՝ կենդանուն սարսափահար անելու համար։
― Դրանք իմ խփած եղջերուն ու եղնիկն են, ― ասաց Ուլենշպիգելը։
― Մենք կուտենք դրանց, ― ասաց ծերունին։ ― Հիմա, ասա տեսնեմ, ի՞նչ անուն են տալիս Էյնդհովերի բնակիչներին, որ նույնպես Լիմբուրգումն է գտնվում։
― De pinnemaker֊ներ՝ նիգ շինողներ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Մի անգամ թշնամին մոտեցել էր նրանց քաղաքի դարպասին․ նրանք էլ գազարով են նիգում դարպասը։ Գալիս են սագերը, անկուշտ կտուցների հարվածներով ուտում գազարը, և թշնամին մտնում է Էյնդհովեն։ Բայց երկաթե կտուցներն են ուտելու բանտերի նիգերը, ուր ուզում են արգելափակել ազատ խիղճը։
― Եթե աստված մեզ հետ է, ո՞վ դեմ կլինի, ― պատասխանեց ծերունին։
Ուլենշպիգելն ասաց․
― Շների հաչոց, մարդկանց հարա֊հրոց և ճյուղերի ճարճատյուն․ մրրիկ է անտառում։
― Եղջերուի միսը լա՞վ միս է, ― հարցրեց Լամմեն նայելով տապակածներին։
― Մոտենում են որսահալածների ճիչերը, ― ասաց Ուլենշպիգելը Լամմեին, ― շները խիստ մոտ են։ Ինչպիսի՜ որոտ։ Եղջերո՜ւն, եղջերո՜ւն․ զգո՜ւյշ կաց, զավա՛կս։ Թո՜ւ, այլանդակ անասուն։ Իմ հաստլիկ բարեկամին գցեց գետին՝ վառարանի, կրակարանի, տապկոցների, պուտուկների ու խորովածների հետ միասին։ Ինչպե՜ս են կանայք ու աղջիկներ սարսափահար փախչում այդ արհավիրքից։ Այդ ի՞նչ է, արյո՞ւն է ծորում քեզնից, որդյակ իմ։
― Ծիծաղում ես դու, անպիտան, ― ասաց Լամմեն։ ― Այո, արյուն է գալիս․ չտեսա՞ր ինչպես կոտոշները խփեց նստուկիս։ Մի տես շալվարս ինչպես է պատռել, նմանապես և միսս, և այդ պատվական տապակները թափել գետին։ Նայիր, հիմա ամբողջ արյունս նստուկիցս դուրս կհոսի։
― Այդ եղջերուն կանխատես վիրաբույժ է․ նա քեզ փրկում է կաթվածահար լինելուց, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Թո՜ւ, քարասիրտ լիրբ, ― ասաց Լամմեն։ ― Էլ չեմ գա քեզ հետ։ Կմնամ այստեղ՝ այս ազնիվ մարդկանց և բարի կանանց հետ։ Անամոթ, ինչպե՜ս կարող ես այդքան անզգա լինել իմ ցավերի նկատմամբ, երբ հավատարիմ շան պես գալիս եմ քո հետևից ձյունին, սառնամանիքին, անձրևին, կարկուտին, քամուն, իսկ երբ շոգ է՝ հոգիս քրտնքի պես դուրս է գալիս մաշկիս միջից։
― Վերքդ աննշան բան է։ Մեկ հատ oliekoek (կարկանդակ) դիր վրան և, դա կլինի անուշեղենի մահլամ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Իսկ գիտե՞ս դու ինչ անուն են տալիս լյուվենցիներին։ Չգիտես, խե՜ղճ բարեկամս։ Դե լավ, ես քեզ հիմա կասեմ՝ քո տնքոցը դադարեցնելու համար։ Նրանց անվանում են koeye-schieter֊ներ (կովասպաններ), որովհետև մի անգամ այնքան տխմար են լինում, որ կրակում են կովերի վրա, որոնց թշնամու գուգազների տեղն էին դրել։ Իսկ մե՞նք, մենք կրակում ենք իսպանական այծերի<ref>Իսպանացիրներն այդ դարաշրջանում իրոք որ այծամորուք էին թողնում։</ref> վրա․ դրանց միսը թեև գարշահոտ է, բայց մորթը շատ լավ է թմբուկի համար։ Իսկ տիռլըմոնցիների մականո՞ւնը։ Գիտե՞ս։ Նույնպես չգիտես։ Նրանք կրում են kweker պանծալի մականունը։ Պատճառն այն է, որ հոգեգալստի տոնին նրանց մեծ եկեղեցում մի բադ միջնաբեմից թռչում է խորանը, և դա էլ նրանց սուրբ հոգու պատկերն է։ Մեկ հատ koekebakke դիր վերքիդ վրա։ Առանց ձայն հանելու հավաքում ես եղջերուի շուռ տված ամաններն ու տապակածները։ Խոհանոցային քաջությունդ բռնել է։ Նորից ես վառում կրակը, բարձրացնում ես ապուրի կաթսան եռոտանու վրա․ խիստ ուշադիր հետևում ես եփելուն։ Գիտե՞ս թե ինչու չորս հրաշալիք կա Լուվենում։ Չէ։ Հիմա քեզ ասեմ։ Նախ՝ որովհետև կենդանի մարդիկ այնտեղ անցնում են մեռելների տակից, քանի որ սուրբ Միքայելի եկեղեցին շինված է քաղաքի դարպասի մոտ, իսկ նրա գերեզմանատունը վերևն է։ Երկրորդ՝ որովհետև զանգակներն այնտեղ աշտարակներից դուրս են, ինչպես այն տեսնում ես սուրբ Հակոբի եկեղեցում, ուր կա մի խոշոր և մի փոքրիկ զանգ․ և քանի որ փոքրիկը չի տեղավորվել զանգակատանը, ուստի դուրսն են հաստատել։ Երրորդ հրաշալիքը եկեղեցուց դուրս գտնվող խորանն է․ որովհետև սուրբ Հակոբի եկեղեցու ճակատամուտքը նման է խորանի։ Չորրորդը․ Անգամ աշտարակն է, որովհետև սուրբ Գերտրուդի եկեղեցու սլաքաձև գմբեթը կառուցված է քարից, փոխանակ փայտից լինելու, իսկ քարերը երբևէ չեն գամում, բացի արնախում արքայի սրտից, որ ես շատ կուզենայի գամել Բրյուսելի մեծ դարպասին։ Բայց դու ինձ չես լսում։ Սոուսների մեջ աղ չկա՞, ի՞նչ է։ Իսկ գիտե՞ս, թե ինչու Տերմոնդի բնակիչները կոչվում են ջեռակ՝ de vierpann֊ներ։ Որովհետև մի երիտասարդ իշխան ձմեռ ժամանակ պիտի գար գիշերելու «Ֆլանդրիայի զինանշան» պանդոկում, իսկ պանդոկապանը չգիտեր ինչպես տաքացներ անկողինը, քանի որ ջեռակ չուներ։ Ուստի անկողինը տաքացրեց իր դեռահաս աղջկա միջոցով, որը լսելով իշխանի գալը՝ դուրս եկավ ու փախավ, իսկ իշխանը հարցրեց, թե ինչո՞ւ ջեռակը չեն թողել անկողնի մեջ։ Տա՜ աստված, որ Ֆիլիպ արքան մի շիկացած երկաթե սնդուկի մեջ դրած՝ ջեռակ լինի տիկին Աստարտեի անկողնի համար։
― Ինձ հանգիստ թող, ― ասաց Լամմեն, ― թքած քեզ վրա էլ, ջեռակների վրա էլ։ Անգամ աշտարակի վրա էլ, մյուս սուտ ու փուչ բաների վրա էլ։ Թող ինձ իմ սոուսների հետ։
― Զգո՜ւյշ, ― ասաց Ուլենշպիգելը, ― հաչոցները չեն դադարում․ ահա ավելի են սաստկանում․ շները կաղկանձում են, գալարափողը շեփորում է։ Զգուշացի՛ր եղջերուից։ Փախիր։ Գալարափողը շեփորում է։
― Շների բաժինն են տալիս, ― ասաց ծերունին, ― եկ տեղդ, Լամմե, տապակներիդ մոտ․ եղջերուն սպանված է։
― Լավ ճաշ կլինի ուրեմն, ― ասաց Լամմեն։ ― Ինձ պետք է հրավիրեք խրախճանքին այն չարչարանքների համար, որ կրում եմ ձեր պատճառով։ Թռչունների սոուսը լավ կլինի, թեև մի քիչ խրթխրթում է․ պատճառն այն է, որ ընկավ ավազի մեջ, երբ այդ սատանի բրդուճ եղջերուն պատառոտեց իմ բաճկոնակը, միսս հետը։ Բայց դուք անտառապահներից չե՞ք վախենում։
― Մենք շատ մեծաթիվ ենք, ― ասաց ծերունին, ― նրանք էլ վախենում են և մեզ չեն անհանգստացնում։ Նույնպես և մարդորսները։ Քաղաքների բնակիչները սիրում են մեզ, որովհետև մենք որևէ վատություն չենք անում։ Մի քանի ժամանակ էլ խաղաղ կապրենք, եթե, իհարկե, իսպանական բանակը մեզ չշրջապատի։ Իսկ եթե դա տեղի ունենա, մենք՝ ծերունի, երիտասարդ, կին, հասուն աղջիկ, փոքր երեխաներ՝ բոլորս էլ թանկ կծախենք մեր կյանքը և ավելի շուտ իրար կսպանենք, քան թե չարչարանքների կեթարկվենք արյունարբու դքսի ձեռքին։
Ուլենշպիգելն ասաց․
― Այլևս հնարավորություն չկա ցամաքի վրա մարտնչելու դահճի դեմ։ Հիմա ծովի վրա պետք է խորտակել նրա հզորությունը։ Գնացեք Զելամդական կղզիների կողմերը՝ Բրյուգգեի, Հեյստի և Կնոկեի վրայով։
― Փող չունենք, ― ասացին նրանք։
― Ահա ձեզ հազար կառոլուս՝ իշխանի կողմից, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Գնացեք ջրային ճանապարհներով՝ գետերով կամ ջրանցքներով։ Երբ կտեսնեք J-H-S նշանը կրող նավեր՝ ձեզնից մեկը կերգի արտույտի պես։ Պատասխանը կլինի աքլորի՝ ծուղրուղուն։ Եվ ահա բարեկամների հետ եք։
― Այդպես էլ կանենք, ― պատասխանեցին նրանք։
Քիչ հետո երևացին որսորդները, հետևից էլ շները՝ պարաններով քարշ տալով սպանված եղջերուն։
Այնժամ ամենքն էլ նստեցին օջախի շուրջբոլորը։ Ամենաքիչը վաթսուն հոգի կլինեին՝ մարդ, կին, երեխա։ Պարկերից հանեցին հացը, պատյաններից դանակները․ եղջերուն քերթեցին, մաքրեցին, կտոր֊կտոր արին և թռչնորսի հետ շամփուր զարկեցին։ Ճաշից հետո Լամմեին տեսան խռմփալիս՝ գլուխը կախած կրծքի վրա և մի ծառի թիկն տված։
Երբ իրիկունն իջավ՝ անտառի եղբայրները իջան գետնափորերը քնելու․ նույնն արին և Լամմեն ու Ուլենշպիգելը։
Զինված մարդիկ հսկում էին՝ պահպանելով ճամբարը։ Եվ Ուլենշպիգելը լսում էր չոր տերևների խշրտոցը նրանց ոտքերի տակ։
Մյուս առավոտ նա մեկնեց Լամմեի հետ, ճամբարի մարդկանց բարեմախթությունների ներքո։
― Օրհնյա՜լ լինիս։ Մենք կգանք դեպի ծովը։