Changes
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
Սեմն ինչքան ուժ ուներ, շտապեց տիրոջ հետևից, բայց՝ թեև ազատության մեջ գտնվելու ուրախությունը նրան էլ էր համակել, նա զգուշությունը չէր կորցրել և անընդատ շրջվում ու նայում էր թունելի սև բերանին՝ վախենալով, որ աչքերը, կամ դրանց սարսափելի տերը դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն հետապնդել: Սակայն նրանք վատ էին ճանաչում Շելոբին և չգիտեին, թե որքան է նա խորամանկ: Նրա որջը շատ ելքեր ուներ:
Նա վաղուց էր ապրում էր այդտեղ՝ սարդի կերպարանքով այդ չարի ծնունդը: Մի ժամանակ դրա նմաններն ապրում էին հնագույն արևմուտքում, էլֆերի երկրում, որը կուլ տվեցին ծովի ալիքները: Այդպիսի մեկ այլ հրեշի հետ էր կռվել Բերենը Դորիաթի Սարսափի լեռներում և, իջնելով լեռներից, տեսել լուսնի շողերի ներքո կանաչ մարգագետնում խնդակաթի ծաղիկների մեջ պարող Լութիենին: Ոչ ոք չգիտե, թե ինչպես է Շելոբը փրկվել ոչնչացող այդ երկրից ու հայտնվել Մորդորում, քանզի այդ սև օրերի մասին շատ քիչ հիշողություններ ու ավանդություններ են պահպանվել: Սակայն նա այստեղ էր հայտնվել շատ ավելի առաջ, քան Սաուրոնը, շատ ավելի առաջ, քան առաջին քարը կդրվեր Բարադ-Դուրի հիմքում: Նա չէր ճանաչում ոչ մի տիրակալ, սնվում էր մարդկանց ու էլֆերի արյունով և անդադար գիրանում ու ճարպակալում՝ մտածելով նորանոր արյունալի խնջույքների մասին ու մթին սարդոստայն գործելով ողջ աշխարհի համար, քանզի բոլոր կենդանի արարածները նրա համար դեռ չկերված ուտելիք էին, իսկ խավարը՝ նրա փսխունքը: Նրա անհաշիվ սերունդները՝ այն արուների վիժվածքները, որոնց ինքն էր ծնել մի ժամանակ ու ինքն էլ խժռել զուգավորումից հետո, սարեսար, հովտե հովիտ տարածվել ու էֆել Դուաթից հասել էին մինչև Չարքանտառ և Դուլ Գուլդուր: Սակայն ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ, Մեծն Շելոբի, Ունգոլիանթի վերջին զավակի, որին նա թողել էր որպես հրաժեշտի նվեր դժբախտ աշխարհին: Տարիներ առաջ նրան հադիպեց ամեն մութ տեղ քիթը խոթող Գոլլում-Սեմագորլը, և դեռ այդ ժամանակ՝ այն վաղեմի օրերին, ծնկի իջավ նրա առջև ու ընդունեց նրան որպես իր տիրուհի: Այդ օրվանից նրա չարության մռայլ ստվերը կախվեց Գոլլումի գլխին ու դարձավ վերջինիս բոլոր թափառումների մշտական ուղեկիցը՝ հուսալիորեն պաշտպանելով նրան լույսից ու զղջումից: Եվ Գոլլումը խոստացավ նրան ուտելիք բերել: Սակայն նրանց ցանկությունները տարբեր էին. նրան չէին հետաքրքրում աշտարակները, մատանիները և մտքի ու ձեռքերի շնորհիվ ստեղծված այլ իրերը: Նա ծարավի էր միայն մի բանի՝ սպանել բոլոր ապրող արարածներին, խմել նրանց կենարար հյութը և ուռչել այնքան, մինչև որ լեռներն այլև չկարողանան իրեն պահել և նույնիսկ խավարի համար նեղություն լինի իրեն տեղավորելը: Սակայն այդ ցանկությունը կատարվելուն դեռ շատ ժամանակ կար: Ահա արդեն երկար տարիներ նա սոված տոչորվում էր իր որջում, որովհետև Սաուրոնի զորությունը գնալով մեծանում էր, և լույսն ու կենդանի արարածներն այլևս չէին թափանցում նրա տիրույթներ: Հովտում գտնվող քաղաքն ավերակ էր դարձել, և վաղուց արդեն ո՛չ էլֆ, ո՛չ մարդ չէր մոտեցել նրա որջին: Միայն չարաբախտ օրքեր՝ տհաճ ու կոպիտ ուտելիք: Սակայն Շելոբը չէր կարող չսնվել, և որքան էլ օրքերը նրա որջը շրջանցող նորանոր ոլորուն միջանցքներ փորեին, նա միևնույնն է, միշտ էլ հաջողացնում էր մի որևէ անբախտ օրքի իր ցանցը գցել: Սակայն նա արդեն երկար ժամանակ համեղ պատառի կարոտ էր, և ահա Գոլլումը կատարել էր իր խոստումը: «Կտեսնենք, այո, դեռ կտեսնենք,— Էմին Մուիլից մինչև Մորգուլյան հովիտ վտանգավոր ճանապարհորդության ընթացքում հաճախ էր ինքն իրեն ասում Գոլլումը, երբ նրան տիրում էին չար մտքերը: — Հասնենք այնտեղ՝ կտեսնենք: Եթե այնպես պատահի, որ նա ոսկորներն ու լաթերը դեն նետի, մենք կգտնենք այն: Օ այո, մենք կգտնենք այն, հետ կստանանք մեր Սքանչելին, և դա նրա նվերը կլինի խեղճ Սմեագորլին այդպիսի համեղ սնունդ բերեու համար: Եվ մենք կփրկենք Սքանչելին, այո, կփրկենք, ինչպես խոստացել էինք: Իսկ հետո, երբ Սքանչելին մերը կլինի, մենք նրան... ցո՛ւյց կտանք: Մենք նրա հետ հաշիվներս կմաքրենք, իմ սքանչելի: Մենք հետո բոլորի հե՛տ հաշիվներս կմաքրենք»: