Changes
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
— Ի՞նչ անեմ ես հիմա, ի՞նչ անեմ,— տնքաց նա: — Ուրեմն էս ամբողջ ճանապարհը, որ անցանք միասին, իզու՞ր էր:
Եվ հանկարծ նա հիշեց իր սեփական բառերը, որ ասել էր դեռ ճանապարհորդության սկզբում, այն ժամանակ ինքն էլ մինչև վերջ չհասկանալով դրանց իմաստը. «Ես, ախր, անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում․․․ Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում...»:
— Բայց ախր ի՞նչ կարող եմ ես անել: Թողնեմ նրա անշունչ մարմինն էստեղ, սարի գլխին, առանց թաղելու և վերադառնամ տու՞ն: Թե՞ շարունակեմ գնալ: Գնա՞լ,— կրկնեց նա և անաորոշոթյունից վախեցած ցնցվեց: — Ինչպե՞ս թե՝ գնալ: Ես, ուրեմն, շարունակեմ գնալ, իսկ նրան ինչ է, թողնեմ էստե՞ղ:
Միայն այդ ժամանակ Սեմը վերջապես լաց եղավ: Արցունքն աչքերին նա կռացավ Ֆրոդոյի վրա, սառած ձեռքերը խաչեց կրծքին, ծածկեց նրան թիկնոցով, ապա մի կողմում դրեց իր թուրը, մյուս կողմում՝ Ֆարամիրի նվիրած գավազանը:
— Եթե ես պետք շարունակեմ գնալ,— ասաց նա բարձրաձայն,— ուրեմն ստիպված եմ վերցնել ձեր թուրը, պարոն Ֆրոդո, մեծահոգաբար ներող եղեք: Փոխարենը ձեզ մոտ կթողնեմ իմը, ահա էստեղ, ձեր կողքին՝ ինչպես գերեզմանոցի այն մեռած թագավորի կողքին էր դրված: Եվ միթրիլե օղազրահն էլ եմ թողնում ձեզ՝ ծեր պարոն Բիլբոյի նվերը: Մեկ էլ ձեր ապակե աստղիկը տեր իմ. դուք ինքներդ եք դա տվել ինձ, և այն ինձ դեռ շատ պետք կգա՝ խավարն ախր էստեղ ամենուր է, և ես նրանից ոչ մի կերպ չեմ կարող ազատվել: Ես այդ նվերին արժանի չեմ. տիրուհի Գալադրիելն այն ձեզ է նվիրել, բայց նա, երևի, կհասկանա: Իսկ դուք, գոնե դուք ինձ հասկանու՞մ եք, տեր իմ: Եթե ես պետք է շարունակեմ...