Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:
Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ՝ հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հպումովհրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: Մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ դրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով ծառերի փոխարեն շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից պատերի մեջ բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում պատերի վրա սևին էին տալիս անթիվ-անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց, ամեն դեպքում, դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կա՛մ պատահականորեն, կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:
— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,— լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:
— Լավ ես ասում, Ջիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին: