::::::::<b>Սուլթան Սուլեյմանի դստեր մասին</b>
:::::::::::::::✴ ✴ ✴
Նոր էր Հրոնովի բժիշկը սուլթան Սուլեյմանի դստեր հեքիաթն ավարտել, երբ պեպենոտ Վինցեկը վերադարձավ, իր հետ բերելով Հորժիչկիի բժշկին, Ուպիցեի բժշկին և Կոստելցեի բժշկին։
― Բերո՜ւմ եմ, բերում, ― բղավեց նա դեռևս հեռվից։ ― Համա թե տանջվեցի, հա՜․․․
― Ողջունում եմ ձեզ, կոլեգաներ, ― ասաց հրոնովցի բժիշկը։ ― Ահա մեր պացիենտը՝ պան գրբաց Մագիաշը։ Ինչպես, անշուշտ, տեսնում եք, սրա դրությունը խիստ ծանր է։ Պացիենտը պնդում է, որ ինքը կուլ է տվել սալոր, կամ սև սալորի կորիզ։ Իմ համեստ կարծիքով, սրա հիվանդությունը կարելի է անվանել սուր սալորիտ։
― Հը՜մ, հը՜մ, հը՛մ, ― ասաց Հորժիչկիի բժիշկը։ ― Իսկ ես հակամետ եմ կարծելու, որ սա խեղդող սալորիտ է։
― Չեմ կամենում վիճել հարգելի կոլեգաներիս հետ, ― ասաց Կոստելցեի բժիշկը, ― սակայն ըստ իս, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է կոկորդային կորիզասալորիտին։
― Պարոնայք, ― խոսեց Ուպիցեի բժիշկը, ― ես առաջարկում եմ համաձայնել հետևյալ դիագնոզին․ պան Մագիաշի մոտ նկատվում է սուր, խեղդող սալորակոկորդային կորիզասևասալորիտ։
― Դե, պան Մագիաշ, շնորհավորում եմ ձեզ, ― ասաց Հորժիչկիի բժիշկը։ ― Դա խիստ հազվադեպ և ծանր հիվանդություն է։
― Հետաքրքիր դեպք է, ― բացատրեց Ուպիցեի վժիշկը։
― Կոլեգաներ, ― խոսեց Կոստելցեի բժիշկը, ― իմ պրակտիկայում հաճախ են պատահել հետաքրքիր դեպքեր։ Լսե՞լ եք օրինակ, թե ես ինչպես բուժեցի Կրահորկի լեռան անտառի ոգուն։ Եթե չեք լսել, ուրեմն պատմեմ ձեզ։
:::::::::<b>Անտառոգու գլխին եկածը</b>
Շատ տարիներ սրանից առաջ Կռահորիկի անտառում ապրում էր մի Անտառոգի։ Պիտի ասեմ, որ դա ամենազզվելի ճիվաղներից մեկն էր, որին երբևէ կարելի է հանդիպել աշխարհում։
Մարդը գիշերն անցնում է անտառով, և հանկարծ ինչ֊որ տեղից մեկն աղաղակում է, ճղավում, ոռնում, տզզում կամ զարհուրելի ձայնով քրքջում։ Հասկանալի է, որ մարդը լեղաճաք է լինում։ Այնպիսի սարսափ է պատում նրան, որ նա փախչում է խելակորույս, ասես ուր որ է՝ հոգին պիտի ավանդի։
Ահա, տարեցտարի այդ անտառոգին այդպիսի օյիններ էր սարքում Կրահորկիում։ Այնպես էր ահաբեկել բոլորին, որ մարդիկ վախենում էին մութն ընկնելուց հետո քիթներն անգամ ցույց տալ այնտեղ։
Եվ ահա մի անգամ ինձ մոտ, հիվանդանոց է գալիս մի տարօրինակ մարդ՝ բերանը մինչև ականջները, վիզն ինչ֊որ լաթով փաթաթած, և սկսում է ֆսֆսացնել, խռխռալ, խռմփալ, ֆշշացնել ու խորդալ։ Ոչ մի խոսք չես կարող ջոկել։
«Ի՞նչ է պատահել ձեզ», ― հարցնում եմ։
«Պան դոկտոր, ― ֆսսացնում է այդ հերոսը, ― ես ոնց որ թե խռպոտել եմ»։
«Ես այդ տեսնում եմ, ― ասում եմ։ ― Իսկ ո՞վ և որտեղացի՞ եք։
Պացիենտը մի փոքր վարանելով, խոստովանեց․
«Ես, ձեր թույլտվությամբ, Կրահորկիի Անտառոգին եմ որ կամ»։
«Ա՜, ― ասում եմ, ― ուրեմն այդ դո՞ւք եք այն սրիկան ու անամոթը, որը մարդկանց ահաբեկում է անտառում։ Այդպես էլ հարկավոր է ձեզ, գրողը տանի։ Եվ դուք կարծում եք, որ ես կբուժե՞մ ձեր ֆարինգիտներն ու լարինգիտները, կամ կատարրի կոկորդը, այսինքն, ուզում էի ասել՝ կոկոկորդի կատարրը, որպեսզի դուք կարողանաք հետագայում էլ բղավել ու ոռնալ անտառում և մարդկանց լեղաճաք անել։ Ոչ, ոչ, ինչքան ուզում եք խռխռացեք ու ֆսֆսացեք, գոնե մարդիկ հանգիստ կլինեն։
Այստեղ այդ անտառոգին սկսեց աղաչել, պաղատել․
«Ի սեր աստծու, պան դոկտոր, աղաչում եմ ձեզ, բուժեցեք իմ կոկորդը։ Ես ինձ այսուհետև լավ կպահեմ, չեմ վախեցնի մարդկանց»։
«Հենց այդ էլ ես խորհուրդ եմ տալիս ձեզ, ― ասում եմ։ ― Բղավելով կոկորդներդ պատռել եք, դրա համար էլ կորցրել եք ձեր ձայնը, պարզ է։ Ձեզ համար անտառում գոռալը վնասակար է, սիրելիս․ այնտեղ ցուրտ է ու խոնավ, իսկ ձեր շնչառական օրգանները խիստ զգայուն են։ Չգիտեմ, չգիտեմ, թե ինչ պիտի անեք․․․ Կատարրը դեռ մի կերպ կարելի է բուժել, բայց դուք ստիպված կլինեք ընդմիշտ թողնել մարդկանց վախեցնելու սովորությունը և տեղափոխվել անտառից հեռու մի տեղ, այլապես ձեզ ոչ մի բան չի օգնի»։
Անտառոգին շփոթվեց ու ծոծրալը քորեց։
«Այդ դժվար է։ Եթե վախեցնելը թողնեմ, ինչո՞վ եմ ապրելու։ Ախր ես ոչ մի ուրիշ արհեստ չգիտեմ, բացի գոռալուց ու բղավելուց, այն էլ քանի դեռ ձայնս տեղն է»։
«Այո, սիրելիդ իմ, ― ասում եմ նրան, ― այնպիսի հազվագյուտ կոկորդով, ինչպիսին ձերն է, ես իբրև երգիչ օպերա կգնայի, կամ շուկա՝ իբրև առևտրական, կամ էլ կրկես՝ իբրև հրավիրող։ Պարզապես ափսոս է, որ այդպիսի հզոր, առաջնակարգ ձայնը կորչում է այս խուլ վայրերում։ Դուք այդ մասին չեք մտածել։ Հավանորեն, ձեզ քաղաքում ավելի բարձր կգնահատեին»։
«Ես էլ եմ երբեմն այդ մասին մտածել, ― խոստովանեց Անտառոգին։ ― Ի՞նչ արած, փորձեմ որևէ այլ տեղ հաստատվել, միայն, անշուշտ, երբ ձայնս կվերականգնվի»։
Եվ այդպես, կոլեգաներ, ես նրա բուկը յոթ քսեցի, պատվիրեցի կոկորդը ողողել մարգանցովկայով ու քլորակալիով, ստրեպտոցիդ ընդունել և կոմպրես դնել վզին։ Այդ օրվանից, Կրահորկիում Անտառոգու հետքն անգամ չի նկատվում։ Ինչպես երևում է, նա իսկապես փոխադրվել է մի այլ տեղ և այլևս մարդկանց չի վախեցնում։
::::::::<b>Հավլովիցկի ջրային ոգու դեպքը</b>
― Ինձ մոտ էլ հետաքրքրական բժշկական մի դեպք է տեղի ունեցել, ― խոսեց Ուպիցեի բժիշկը։ ― Մեր կողմերում, Ուպա գետակում, հավալովիցկի կամուրջից այն կողմ, ուռենու և լաստենու արմատների ներքևում ապրում էր մի ծեր ջրի ոգի՝ Իուդալ անունով։ Նա խիստ անմարդամոտ արարած էր, մռթմռթան, քրթմնջացող ու մարդախույս։ Երբեմն հեղեղումներ էր սարքում, մեկ֊մել էլ խեղդում էր երեխաներին, երբ նրանք լողանում էին։ Մի խոսքով, մարդիկ նրան տանել չէին կարող և չգիտեին, թե ոնց ազատվեն նրանից։
Մի անգամ աշնանը մի ծերուկ իմ ընդունարանը մտավ․ հագել էր կանաչ բաճկոն, իսկ վզին կարմիր լաթ էր փաթաթել, և հազում էր, փռշտում, փնչացնում, քիթը մաքրում, հառաչում ու կոտրատվում։
«Պան դոկտոր, կամ ես մրսել եմ, կամ փետացել․ մեկ էստեղս է ծակում, մեկ էստեղս շամփրում, գոտկատեղս ջարդվում, հոդերս քաշվում են, էնպես եմ հազում, որ կուրծքս պայթում է, ու քթիցս էլ էնպես է հոսում, ոնց որ դույլից։ Միգուցե դուք ինձ օգնե՞ք»։
Ես նրան լսեցի ու ասում եմ․
«Պապիկ, ռևմատիզմ ունեք։ Ես մի քսուկ կտամ, որը, ի գիտություն ձեզ, կոչվում է «լինիմենտում»։ Բայց այդ դեռ բոլորը չէ։ Դուք ամբողջ ժամանակ պիտի ապրեք տաք և չոր տեղում, հասկանալի՞ է»։
«Հասկանալի է, ― քրթմնջաց ծերուկը։ ― Ինչ վերաբերում է տաք և չոր տեղին, ապա, պարոն, դրանից բան դուրս չի գա»։
«Իսկ ինչո՞ւ դուրս չի գա», ― հարցնում եմ ես։
«Դե, ― ասում է պապիկը, ― որովհետև ես, պան դոկտոր, Հավլովիցկի ջրային ոգին եմ։ Էդ ինչպե՞ս կարող եմ ջրի մեջ ինձ համար տաք և չոր տեղ ստեղծել։ Չէ՞ որ ես իմ քիթը մաքրում եմ ջրի երեսով, ջրի մեջ քնում եմ ու ջրով էլ ծածկվում։ Եվ միայն հիմի է, ծերությանս օրերում, որ փափուկ ջուր եմ փռում տակս, և ոչ թե կոշտ ջուր, որպեսզի պարկելիս կողերս չցավեն։ Էնպես որ, ինչ վերաբերում է տաք ու չոր տեղին, պիտի ասեմ, որ այդ մի փոքր դժվար է»։
«Ոչ մի բանով օգնել չեմ կարող, հայրիկ, ― ասում եմ, ― սառը ջրում ձեր ռևմատիզմը միայն ավելի կսրվի։ Ինքներդ էլ գիտեք, որ ծերացած ոսկորները տաքություն են սիրում։ Ի դեպ, քանի՞ տարեկան եք, պան ջրային ոգի»։
«Օ՛խ֊օ՛խ֊օ՛խ, ― մռթռթաց ոգին։ ― Ախր, պան դոկտոր, ես կռապաշտական ժամանակներից էստեղ եմ ու էստեղ։ Երևի հազար տարի լինի, միգուցե և ավելին․․․ Այոոս, տարինե՜ր, տարինե՜ր»։
«Ահա, տեսնում եք, ― խորհուրդ եմ տալիս նրան, ―ձեր տարիքում, պապիկ, ժամանակն է արդեն թոնրի կշտից չհեռանալ։ Սպասեցեք, կարծես միջոցը գտա։ Դուք երբևէ լսե՞լ եք տաք աղբյուրների մասին»։
«Լսելը լսել եմ, ― քրթմնջում է ծեր ջրային ոգին, ― բայց էստեղ կարծես թե ոչ մի հատ դրանից չկա»։
«Այստեղ չկա, ― ասում եմ, ― դրա փոխարեն Տեպիցեում կա, Պիշտյանահում՝ նույնպես, և էլի ինչ֊որ տեղ, միայն թե խոր գետնի տակ։ Եվ թող հայտնի լինի ձեզ, որ այդ տաք աղբյուրներն ուղղակի ստեղծված են ծեր, ռևմատիզմ ունեցող ջրային ոգիների համար։ Դուք պարզապես կբնակվեք այդպիսի տաք աղբյուրների մեջ իբրև տաքջրյա ոգի և կբուժեք ձեր ռևմատիզմը»։
«Հը՜մ֊հը՜մ, ― մտքի մեջ ընկավ ծերուկը։ ― Իսկ ի՞նչ պիտի անի, իսկապես, այդպիսի ջրային ոգին»։
«Շատ քիչ բան, ― ասում եմ։ ― Նա պետք է շարունակ այդ ջուրը երկրի խորքերից դուրս մղի ու հետևի, որ այն չսառչի, իսկ տաք ջրի ավելցուկը բաց թողնի ազատ հոսելու։ Ահա և բոլորը»։
«Ինչ կա որ, այդ կարելի է, ― քրթմնջում է Հավլովիցկի ջրային ոգին։ ― Դե, ես գնամ, որևէ տաք աղբյուր ճարեմ ինձ համար։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, պան դոկտոր»։
Եվ անհետացավ ընդունարանից, միայն իր ետևից մի ջրագուբ թողնելով հատակին։
Եվ գիտեք, կոլեգաներ, Հավլովիցկի ջրային ոգին խելացի մարդ դուրս եկավ․ նա լսեց իմ խորհուրդը, բնակություն հաստատեց Սլովակիայում, մի տաք աղբյուրի մեջ, և այժմ երկրի խորքից այնքան տաք ջուր է հանում, որ տաք շատրվան է խփում այնտեղ։ Եվ այդ տաք ջրերում լողանում են մարդիկ ու ռևմատիզմից բուժվում։ Շատ ու շատ է օգնում, ամբողջ աշխարհից այնտեղ են գալիս բուժվելու։ Պան Մագիաշ, օրինակ վերցրեք նրանից և ամեն ինչում լսեք բժիշկներին։
::::::::::::<b>Ջրահարսի դեպքը</b>
― Այո, ինձ հետ էլ մի այդպիսի հետաքրքիր դեպք է պատահել, ― խոսեց հորժիչեկցի բժիշկը։ ― Մի անգամ գիշերը քնել էի ոնց մեռած, մեկ էլ լսում եմ, որ մեկը լուսամուտը ծեծում է ու ձայն տալիս․
«Բժի՛շկ, բժի՛շկ»։
Բաց եմ անում լուսամուտն ու հարցնում․
«Դե, ինչ է պատահել այդտեղ։ Ես մեկնումեկին հարկավո՞ր եմ»։
«Այո, ― մթության միջից պատասխանում է մի քնքուշ ու վեհերոտ ձայն։ ― Քո օգնությունն է անհրաժեշտ, շուտ արի»։
«Այդ ո՞վ է այդտեղ, ― հարցնում եմ։ ― Ով է ինձ կանչում»։
«Ես, գիշերվա ձայնը, ― պատասխանում են խավարի միջից։ ― Լուսնկա գիշերվա ձայնը։ Գնանք»։
«Գալիս եմ, գալիս», ― ասում եմ ես ոնց որ երազի մեջ և արագ հագնվում։ Դուրս եմ գալիս փողոց, իսկ այնտեղ ոչ ոք չկա։
Մի տեսակ ինձ վատ զգացի, բարեկամներ։
«է՛յ, ― շշնջացի ես կիսաձայն, ― ո՞վ կա այստեղ։ Ո՞ր կողմ գնամ ես»։
«Իմ ետևից, իմ ետևից», ― հեծկլտաց նույն քնքուշ ու անտեսանելի ձայնը, և ես գնացի դեպի այն կողմ, ուր նա կանչում էր ինձ՝ ցողապատ մարգերով ու սև անտառներով ― առանց ճանապարհը ջոկելու։
Լուսնյակ գիշեր էր, և ողջ աշխարհը քարացել էր պաղ գեղեցկության մեջ։ Կոլեգաներ, ես մեր շրջանը հինգ մատիս պես գիտեմ, բայց այդ լուսնկա գիշերը նա ինձ թվաց երազի պես կախարդական։ Հո պատահո՞ւմ է երբեմն, որ հենց քթիդ տակ մի ամբողջ աշխարհ ես հայտնաբերում։
Արդեն երկար ժամանակ է, ինչ գնում էի այդ ձայնի ետևից, վերջապես ասացի ինքս ինձ․ «Սպասիր, սա ոնց որ Ռատիբորժի հովիտը լինի․․․»։
«Այստեղ, բժիշկ, այստեղ», ― կանչում էր ինձ ձայնը։
Դա հնչում էր այնպես, ասես գետում ալիքը ճողփաց ու փայլեց, ու մեկ էլ տեսնեմ՝ կանգնած եմ Ուպա գետի ափին, լուսնի լույսով ողողված արծաթաշող մարգագետնում։ Մարգագետնի մեջտեղում ճերմակին է տալիս մի բիծ՝ կամ այն է ինչ֊որ մարմին, կամ այն է՝ պարզապես մշուշ։ Լսում եմ լացի ձայն ասեմ, թե պարզապես ջրի աղմուկ՝ չգիտեմ։
«Այդպես, այդպես, ― ասում եմ ես հանգստացուցիչ տոնով, ― ո՞վ ենք և մեր ի՞նչն է ցավում»։
«Ա՛խ, բժիշկ, ― դողդոջուն ձայնով պատասխանեց լուսավոր բիծը, ― ես պարզապես վիլա եմ, մի փոքրիկ ջրահարս։ Իմ քույրերը պարում էին մարգագետնում, ես էլ նրանց հետ, ու մեկ էլ, չգիտեմ ինչպես, կամ այն է՝ սայթաքեցի, ոտքս դիպցնելով լուսնի ճառագայթին, կամ այն է՝ սահեցի, ոտքս դնելով ցողի կաթիլներից անդրադարձող շողքին, ― չգիտեմ, ինչ պատահեց ինձ, միայն թե ահա պառկել ու չեմ կարողանում վեր կենալ, ոտքս էլ ցավում է ու ցավում․․․»։
«Դե, օրիորդ, ― ասում եմ ես նրան, ― ձեր ոտքը կամ դուրս է ընկել, կամ կոտրվել է։ Մենք այդ կկարգավորենք․․․ Ուրեմն, նշանակում է, դուք մեկն եք այն ջրահարսերից, որոնք պարում են այս մարգագետնո՞ւմ։ Ահա թե ի՜նչ․․․ Եվ եթե ժերնովցի կամ սլատինցի որևէ ջահել է պատահում ձեզ, դուք նրան պարեցնում եք այնքան, մինչև որ մահվան դուռն եք հասցնում, այնպես չէ՞։ Հը՜մ, հը՛մ․․․ Իսկ չգիտե՞ք, այ աղջիկ, որ դա խայտառակություն է․․․ Հապա ոնց։ Այդպիսի չարաճճիությյունները ձեզ լավ բանի չեն հասցնի։ Ահա թե դրանք, այդ պարերը, ինչով են վերջանում»։
«Ա՛խ, բժիշկ, ― հեծկլտաց լուսավոր բիծը, ― թե իմանայիք, ոտքս ինչպե՜ս է ցավում»։
«Հասկանալի է, որ ցավում է, ― ասում եմ։ ― Երևի ջարդված է»։
Եվ ծունկի իջա հավերժահարսի առաջ, որպեսզի ոտքը կապեմ։
Կոլեգաներ, իմ օրում հարյուրավոր ու հարյուրավոր ջարդվածքներ եմ բուժել, բայց ջրահարս բուժել՝ դա մի փորձանք է, ուրիշ ոչինչ։ Ախր նրա մարմինն ու ոսկորները լուսնի լույսից են, ձեռքով բռնել հնարավոր չէ՝ այնքան որ քնքուշ են, քաշից զուրկ, ինչպես զեփյուռը կամ մշուշը։ Դե արի ու փորձիր ձգել, ուղղել ու կապել։ Ասում եմ ձեզ, ուղղակի դժոխային աշխատանք է։ Փորձեցի սարդոստայնով կապել, բայց ջրահարսը տնքաց․
«Վայ, կտրում է, ոնց որ մետաղալար»։
Ուզեցի ջարդված ոտքը ամրացնել խնձորենու ծաղկաթերթով, իսկ նա լաց եղավ։
«Ա՛խ, ա՛խ, քարի պես ճնշում է»։
Դե, նման դեպքում ի՞նչ կարող ես անել։ Եվ ահա ստիպված էի վերջիվերջո մաքրել ճպուռի թևերին եղած մետաքսյա փայլը և դրանից երկու վիրաթիթեղ պատրաստել։ Ապա լուսնի ճառագայթը բաժանեցի ծիածանի յոթ գույների և ամենաբարակ՝ կապույտ շողիկով այդ թիթեղիկները կապեցի ջրահարսի ջարդված ոտին։ Այնպիսի տաժանակիր աշխատանք էր, որ ես մինչև իսկ քրտնեցի, լուսնի լույսն ավելի տաք էր թվում, քան օգոստոսյան արևը։
Իսկ երբ, վերջապես, ամեն ինչ արված էր, ես նստեցի ջրահարսի մոտ ու ասացի․
«Ամեն ինչ կարգին է, օրիորդ, հիմա ձեզ հանգիստ է հարկավոր։ Չհամարձակվեք այս ոտքը շարժել, քանի դեռ չի կպել։ Բայց ահա թե ինչ․ լսեցեք, սիրելիս, ես զարմանում եմ ձեր և ձեր քույրերի վրա։ Ինչո՞ւ եք մինչև հիմա այստեղ մնացել։ Չէ՞ որ, հավանորեն, աշխարհի բոլոր ջրահարսերը վաղուց, շատ վաղուց ավելի լավ տեղ են գտել իրենց համար․․․»։
«Ո՞րտեղ», ― շշնջաց ջրահարսը։
«Որտե՞ղ, ― ասացի ես։ ― Հասկանալի է, կինոյոմ, այնտեղ ուր նկարներ են հանում, գիտե՞ք։ Նրանք խաղում են ու պարում կինոնկարներում, ահագին փողեր են ստանում, հետո ողջ աշխարհը հիանում է նրանցով։ Ախր դա սքանչելի գործ է, օրիորդ։ Վաղուց է, ինչ բոլոր ջրային ոգիները, ― և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ― այնտեղ են։ Եթե դուք տեսնեիք այդ ջրահարսերի հագուստներն ու զարդերը ― հրա՜շք ― այլևս երբեք այսպիսի հասարակ շոր չէիք հագնի, ինչպիսին որ հիմա հագել եք։
«Ի՜նչ եք ասում, ― զայրացավ ջրահարսը։ ― Ախր այս շորը գործված է լուսատիտիկների ճառագայթներից»։
«Ճիշտ է, ― ասացի ես, ― բայց վաղուց է, ինչ այսպիսի հագուստ չեն հագնում, տարազները հիմա բոլորովին ուրիշ տեսակ են»։
«Քղանցքատուտո՞վ», ― դողալով հարցրեց ջրահարսը։
«Չեմ երաշխավորում, ― պատասխանեցի ես, ― ես դրա մասնագետ չեմ։ Եվ արդեն իմ մեկնելու ժամն է, հիմա որտեղ որ է կլուսանա, իսկ որքան ինձ հայտնի է, դուք, ջրահարսերդ, հայտնվում եք միայն, քանի դեռ մութն է, այնպես չէ՞․․․ Դե, աստված ձեզ հետ, օրիորդ, իսկ կինոյի մասին մի մոռանաք»։
Ես այլևս այդ ջրահարսին չտեսա։ Հավանորեն, ջարդված ոտքի ոսկրը հաջողությամբ կպավ։ Բայց ինչ եք կարծում, այդ օրվանից ջրահարսերն ու վիլաները դադարեցին Ռատիբորժի հովտում երևալ։ Իսկ ո՞ւր գնացին նրանք։ Պարզ է, որ՝ կինո։ Ի դեպ, ինքներդ ուշադրություն դարձրեք․ կինոյում մեզ թվում է, թե էկրանին օրիորդներ ու տիկիններ են շարժվում, մինչդեռ չէ՞ որ նրանք ոչ մի մարմին չունեն, շոշափել չի կարելի՝ ամեն ինչ միայն ճառագայթներից է։ Այստեղից էլ պարզ երևում է, որ նրանք ոչինչ չեն, բայց եթե ջրահարսեր։ Եվ դրա համար է, որ կինոյում լույսը հանգցնում են, որպեսզի մութ լինի․ չէ՞ որ ջրահարսերն ու մյուս թափանցիկ արարածները սաստիկ վախենում են լույսից և երևում են միայն մթության մեջ։
Այստեղից երևում է նաև, որ ոչ ուրվականները, ոչ էլ մյուս հեքիաթային արարածները մեր օրերում չեն կարող ապրել, եթե իրենց համար մի այլ, ավելի խելացի զբաղմունք չգտնեն։ Դրա համար նրանք որքան ուզես հնարավորություն ունեն։
:::::::::::::::✴ ✴ ✴
Աստվա՜ծ իմ, տղերք, բոլոր այս պատմությունների պատճառով, քիչ մնաց, որ մենք մոռանայինք կախարդ Մագիաշին։ Իսկ նա ինքը չէր կարող ոչ ձայն հանել, ոչ ծպտուն՝ ախր մինչև հիմա էլ սալորը դեռ նրա կոկորդում է։ Նա կարող էր միայն սարսափից քրտնել, աչքերը պտտեցնել ու մտածել․ «Այս բժիշկները, վերջապես, ե՞րբ պիտի օգնեն ինձ»։
― Այսպես, պան Մագիաշ, ― ասաց վերջապես Կոստելցեի բժիշկը, ― հիմա մենք կանցնենք վիրահատության։ Բայց նախ պետք է ձեռքներս լվանանք, որովհետև վիրաբուժության մեջ գլխավորը մաքրությունն է։
Եվ չորս բժիշկներն էլ սկսեցին ձեռքները լվանալ՝ նախ տաք ջրով, հետո մաքուր սպիրտով, հետո բենզինով, հետո կարբոլկայով, ապա սպիտակ խալաթներ հագան, ― վա՛յ, տե՜ր իմ աստված, տղերք, հիմա կսկսվի վիրահատությունը։ Ով վախենում է նայել, ավելի լավ է թող աչքերը կկոցի։
― Վինցեկ, ― կարգադրեց Հորժիչեկի բժիշկը, ― բռնիր պացիենտի ձեռքերը, որպեսզի չշարժվի։
― Դուք պատրա՞ստ եք, պան Մագիաշ, ― հանդիսավոր կերպով հարցրեց Ուպիցեի բժիշկը։
Մագիաշը միայն գլխով արավ։ Նա սարսափից քիչ էր մնում լեղապատառ լիներ։
― Եվ այսպես սկսում ենք, ― ձայն տվեց Հրոնովի բժիշկը։ Մեկ․․․ երկու․․․ երեք․․․
Նույն րոպեին Կոստելցեի բժիշկը թափ առավ ու այնպիսի մի հարված հասցրեց կախարդ Մագիաշի մեջքին, որ՝
Մի դղրդյուն լսվեց, ասես ամպը որոտաց, և մարդիկ Նահոդայում, Ստարկոչում և նույնիսկ Ամիրժիցայում նայեցին երկնքին՝ արդյոք ամպրոպ չի՞ սկսվում։
Երկիրն այնպես ցնցվեց, որ Ավատանովիցում փլվեց լքված հանքահորի բովանցքը, իսկ Նահոդայում կոստյոլի զանգակատունը օրորվեց։
Ամբողջ շրջանում, ― մինչև Տրուտնով ու Պոլիցե, թերևս նույնիսկ ավելի հեռուն, ― բոլոր աղավնիները ահաբեկված թռան, բոլոր շները վախից ներս ընկան տները, իսկ կատուները վառարանների վրայից ներքև ցատկեցին։
Իսկ սալորը դուրս նետվեց Մագիաշի կոկորդից այնպիսի հսկայական ուժով ու արագությամբ, որ անցավ Պորհուրիցեից այն կողմ, և միայն Պրշոլոուչի մոտերքում ցած ընկավ, ըստ որում դաշտում սպանեց երկու եզների և երեք սաժեն, երկու արմունկաչափ, մեկ և կես ոտնաչափ, յոթ մատնաչափ ու չորս թզաչափ խորությամբ թաղվեց հողի մեջ։
Նոր էր սալորը դուրս պրծել Մագիաշի կոկորդից, որ նրա ետևից դուրս թռան նաև բառերը․
― ․․․ մելի՜ բացբերան։
Դա հենց այն խոսքի կեսն էր, որը դեմ էր առել, մնացել Մագիաշի կոկորդում, երբ նա պեպենոտ Վինցեկին ուզեց ասել․
«Ա՛խ դու, ողորմերլի բացբերան․․․»։
Ճիշտ է, խոսքերն արդեն այնքան էլ հեռու չթռան, այլ ընկան գետին անմիջապես Իոզեֆովկայից դենը և ջարդեցին ծերացած տանձի մի ծառ։
Հետո Մագիաշն ուղղեց բեղերը և ասաց․
― Խոնարհաբար շնորհակալ եմ ձեզանից։
― Չարժե, միահամուռ պատասխանեցին չորս բժիշկները։ ― Վիրահատությունը հաջող անցավ։
― Միայն թե, ― անմիջապես վրա բերեց Ուպիցեի բժիշկը, ― որպեսզի վերջնականապես ազատվեք այդ հիվանդությունից, ձեզ անհրաժեշտ է ևս մի երկու հարյուր տարի հանգստանալ։ Ես ձեզ ստիպողաբար հանձնարարում եմ կլիման ու միջավայրը փոխել, ինչպես արավ Հավլովիցկի ջրային ոգին։
― Համաձայն եմ պան կոլեգայիս հետ, ― ասաց Հրոնովի բժիշկը։ ― Լիակատար առողջացման համար ձեզ անհրաժեշտ են արև և օդ, ինչպես Սուլեյմանի դստերը։ Ուստի ես հույժ խորհուրդ կտայի ձեզ ապրել Սահարա անապատում։
― Ինչ վերաբերում է ինձ, ― ավելացրեց Կոստելցեի բժիշկը, ― ապա ես ևս նույն կարծիքի եմ։ Պան Մագիաշ, Սահարա անապատը օգտակար կլինի ձեզ հենց թեկուզ միայն նրանով, որ այնտեղ չի աճում ոչ մի սալորենի, որը կարողանար լուրջ կերպով սպառնալ ձեր առողջությանը։
― Միանում եմ իմ մեծարգո կոլեգաներին, ― եզրափակեց Հորժիչեկի բժիշկը։ ― Իսկ քանի որ դուք կախարդ եք, պան Մագիաշ, ապա կարող եք համենայն դեպս այդ անապատն էլ ուսումնասիրել ու մտածել այն մասին, թե ինչպես ոչնչից ջուր ստեղծել, որպեսզի այնտեղ ցորեն աճի և մարդիկ կարողանան ապրել ու աշխատել։ Ահա այդ իրոք որ շատ լավ հեքիաթ կլիներ։
Ի՞նչ էր մնում անել կախարդ Մագիաշին։
Նա քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց չորս բժիշկներին, կապկպեց իր կախարդական ունեցվածքը և Հեյշովինայից տեղափոխվեց Սահարա անապատ։
Այդ օրվանից մեզանում չկա ոչ մի գրբաց, ոչ մի վհուկ, բայց կախարդ Մագիաշը մինչև հիմա էլ ողջ֊առողջ է ու միտք է անում, թե ինչպե՞ս անապատում դաշտեր ու անտառներ, քաղաքներ ու գյուղեր ստեղծի։ Տղաներ, ամենայն հավանականությամբ դուք կապրեք մինչև այն ժամանակը, երբ այդ բոլորը այնտեղ կլինի։