Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 138 921 բայտ, 21:43, 11 Դեկտեմբերի 2015
}}
[[Category: Արձակ]]
{{անավարտ}}[[Կատեգորիա:Պատմություն]]
=Հայոց հին հավատքը=
Մեր նախնի ընտիր գրիչներն ու թարգմանիչները, կամ իրենց բնատուր ճոխաբանությամբ, կամ իրենց հնագույն նախնիների պես֊պես աղանդները և մոլորությունները գիտենալով, դրանք կոչել են տեսակ֊տեսակ անուններով։ Ըստ մեր թարգմանիչների՝ Եսայի մարգարեն, իր ազգին հանդիմանությամբ խրատելով, ասել է (Ը, 19)․ «Եթէ ասիցեն ցձեզ, Խնդրեցէք զՎհուկս և զԳետնակոչս և զՋրախօսս և զՈրովայնակոչս, ոչ իբրեւ զազգ որ յԱստծոյ իւրմէ խնդրիցէ․ զի՞նչ պնդրիցեն վասն կենդանեաց՝ ի մեռելոց անտի»։ Լատիներեն ասված է միայն՝ «պյութոններ ու հարցուկներ, որոնք իրենց հմայության ժամանակ ճչում են» (Quaerite a Pythonibus et a Divinis, qui strident in incantationibus suis), մեր ունեցած հունարեն բնագրում՝ <i>որովայնախոսներ, գետնակոչներ, նանրախոսներ,</i> որոնք որովայնից գոչում են<ref>Հարցրե՛ք որովայնախոսներին և գետնի տակից ձայնողներին, դատարկաբանողներին, որ որովայնից են ձայնում։</ref>։ Մեր Գևորգ Սկևռացին՝ Եսայու, Ոսկեբերանի և այլոց հավաքաբան մեկնիչը, հարցնում է․ «Զի՞նչ է Վհուկ․ դև իմն չար, որ յորովայնէ կանանց խօսի, և նոր իրօքն ջանայ հաւատալի առնել զխաբէութիւնն․․․ և տգէտք հաւատան թէ ճշմարիտ խօսի․ յայսմանէ և Գետնակոչաց արուեստն հաւատալի թուի․ և Զրախօսացն՝ ընդ այր խօսողացն՝ որ յորովայնէն բարբառին։ Իսկ Ակիդաս (Ս․ գրքի հին թարգմիանչ ― Ղ․Ա․) զՀաւագետս ասէ փոխանակ վհկաց․ իսկ Սիմաքոս՝ զԳետս՝ որք ճճուիցեն․ և Թէոդիտոն՝ զԿանխագէտս ձագացեալս, այսինքն՝ ձագուց պէս ճռուողեալս (կամ ճըւճըւեալ ― Ղ․Ա․)․ թուի թէ և այս զՄեռելահարցուկսն նշանակէ, զի նոր բարբառովն զարմացուսցեն Դեւք իբրեւ զհաւս․ զոր Եօթանասունքն՝ Զրախօս ասացին»։
Նույն բանը իր ուսուցչի (Հովհան Որոտնեցու) գրքի մեկնության մեջ գրում է Գրիգոր Տաթևացին․
«Ոմանք ասեն՝ թէ Վհուկն Հարցողքն են, որք լինէին պաշտօնեայք կռոցն, և ի նորցանէ՝ այսինքն ի կռոցն՝ հարցանէին զլինելեացն։ Գետնակոչն այն է՝ որ ի ներքոյ կռոցն կամ ի ներքոյ ծառոցն ծածուկ լինէր գետին, և յայնմանէ խօսէր դեւն․ որպէս յորժամ եկն Աղեքսանդր թագաւոր ի մեհեանն արեգականն և լուսնին, և եհարց ի Գետնակոչէն։ Իսկ Զրախօսն՝ ընդվայրախօսն է որպէս Գարընկէցքն։ Իսկ Որովայնակոչն՝ այն է՝ յորժամ սպանանեն զարջառ կամ զոչխար, ի սիրտն և ի թոքն և յայլսն՝ դիւթեն զշարժմունս նոցա։ Դարձեալ վհուկ այն է՝ որ չար դեւք ի կանայս մտանեն և խօսին ընդ որովայնս նոցա։ Իսկ այլ թարգմանք փոխանակ վըհկացն՝ զՀաւագեէտն են գրեալ․ այսինքն, որք զձայնս ձագուցն և ագռաւուց և զայլոցն դիւթեն․․․ Եւ որովայնակոչն՝ որ դեւն մտանէ ի մեռեալն, և նովաւ ընդ վայր սուտ բարբառէր»։ Ապագան իմանալ անցկացողների փափագին նայելով, որ մեր լեզվով <i>իղձ</i> էլ է անվանվում՝ գուշակողներն էլ <i>իղձեր</i> և <i>ըղձապատումներ</i> են կոչվել, իսկ արածներն ու ասածները՝ <i>ըղձություն</i>։ Եվ բառից ենթադրվում է, որ բարի կամ հաջող բաների գուշակություններ էին։ Սակայն թե՛ Ս․ գրքի թարգմանության մեջ և թե՛ մեր վարդապետների հեղինակած գրվածքներում ամեն տեսակի հմայություների ու գուշակությունների փոխարեն էլ այդ բառն է գործածվել․ «Կոչեցին այլազգիքն զքուրմսն և զիղձսն՝ զգէտս իւրեանց» (Ա․ Թագավորաց, Զ, 2)։ Դոդոնի հարցուկի մասին Եվսեբիոսի թարգմանության մեջ ասվում է․ «Դոդովնէասաւ ըղձաւ վարէին Յոյնք»։ Մագիստրոսը Սավուդի ու Սամուելի պատմության մեջ իր սովորական ճոխաբանությամբ ասում է․ «Իղձք Կիւսոյ հմայից դիւթութեան յարուցանեն զՍամուէլ»։ Նմանապես և Նարեկացին աղոթքում (ՀԵ) եկեղեցու մասին գրում է․ «Օտարութիւն է ամենայնիւ դիցն դրօշելոց․․․ քակտումն է յայտնապէս Ուրուականց Ըղձիցն անտառաց․․․ Խորտակումն է համայն դիւապատիր Յուռթիցն արձանաց»։ Վերջին երկու խոսքերը ակնարկում են բնապաշտությունը։ Հետին դարերի գրողներից Թովմա Մեծոփեցին <i>իղձ</i>֊ը ստուգաբանում է «աղոթարան»՝ այն իմաստով, ինչպես հիշատակվեց ջուր աղոթելը։  Հեթանոսների համար ընդհանրապես շատ փափագելի գուշակությունը լինելիքը իրենց երազներում փնտրելն էր՝ սկսած ինքն իրեն աշխարհի տեր կարծող Նաբուգոդոնոսորից մինչև փարավոնի բանտարկյալ ներքինին ու մինչև հետին ռամիկը։  Տիր դիքի մասին խոսելիքս հիշատակեցինք նրա Երազմույն ու Երազացույց մեհյանն ու դրա ավերվելը։ Եթե հայոց այլ երկրներում այդպիսի մեհյաններ չկային էլ, ապա երազագետները շատ էին։ Ավեի շատ էին երազներին հավատացողները կամ խաբվողները։ Դրանց շատ լինելը իմացվում է նաև նույնիսկ բառերի պես֊պես զուգադրվելուց․ երևույթը կոչվում է <i>երազահանություն, երազադյութություն, երազամեկնություն, երազատու ձեռնածություն, երազահմա լինել</i> գուշակողը կամ հմայողը՝ <i>երազագետ, երազադատ, երազադյութ, երազահան, երազահմա, երազացույց, երազընդհան</i>․ վերջին երկու բառերը կարդացինք Ագաթանգեղոսի մոտ։ Երազագետները ոչ միայն խաբող էին, այլև երբեմն իրենք էլ էին խաբված։ Շատ անգամ այսպես է հասկացվում մի գրողի («Ոսկեփորիկ»֊ում) ասածից․ «Երազահան՝ որ ի գիշերի տեսանէ զդեւս և մարգարէութիւն պատմէ՝ զի պատրաստեսցի»։ Մի տեղ հիշեցինք մեր աշխարհակալ Տիգրանի դյուրահավատությունը, որ Նաբուգոդոնոսորի պես դիմում էր պես֊պես հմայողների։ Պատճառը մի երազ էր, որում կարծում էր, թե ընդարձակ դաշտում ոսկի է ցանում։ Երազահանները ինչպես մեկնաբանեցին՝ չգիտեմ, բայց ստույգ այն է, որ Լուկուլլոսը ու Պոմպեոսը ժողովեցին նրա ցանածները, և ինքը՝ Տիգրանը, նրանց զորավարներին ու զորքին միլիոններ պարգևեց։ Հռոմը Տիրգանի ու նրա քեռայր Միհրդատի գանձերով գուցե ավելի հարստացավ, քան այլ աշխարհների ավարներով, որովհետև նրանցից առաջ սրանք՝ Տիգրանն ու Միհրդատն էին ավերել ու ավարառել արևմտյան և հյուսիսային Ասիան, ինչպես իրենց հայրն ու աները՝ Արտաշեսը՝ Հունաստանը, որի նման երկուսն էլ՝ մեկը ինքնասպնության պահին, մյուսը հաղթվելուց և տիրած երկրները ետ տալուց հետո, կարող էին նրա պես հառաչել․ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։ Այս խրոխտ և իր կառքերին թագավորներ լծող թագավորաց թագավորը (Տիգրանը) չգիտեմ ո՛ր հին պատմիչի ավանդությամբ մի անգամ էլ իր որդու՝ բժիշկների չբուժված հիվանդության պատճառով դարձյալ դիմեց հմայողներին ու գուշակողներին։ Վերջիններս, ըստ պատգամախոսների սովորության, մութ ու երկդիմի խոսքերով ասացին․ «Բժիշկներէ յոյս չկայ․ այլ թէ լուսացուի տաք տաք առանց թրջուելու՝ կու բժըշկուի»։ Այս պատգամը հասկանալու համար էլ նոր գուշակության կարիք կար։ Տիգրանը, մտածելով, որ տաք լինի ու չթրջվի, որդուն տաք մորթիով փաթաթել և այդպես լվանալ տվեց։ Սակայն օգուտ չեղավ։ Հետո կանգնեցրեց արեգակի տաք շողերի ներքո և վրան լցնել տվեց տաքացրած ավազ․ այսպես բժշկվեց։ Գեղեցիկ գյուտ, որին նման համարելով ուրիշ շատ հին հեղինակների պատմածները և խաբեբաներից դյուրահավատների խնդրածները, հեռանալով մեր ոճից՝ հաճո համարեցինք հիշելը՝ միաժամանակ նաև որպես հավաստիք, բայց ոչ պարծելի, այլ պախարակելի հավաստիք մեր ազգակիցների՝ երազային բաների մասին զրախոսության զրալրության։ Դրա ուրիշ իրական հավաստիք են նաև ձեռագիր ու տպագիր երազահանները, որոնք համարվել են այնքան կարևոր ու պիտանի, որ տպագրվել են 16֊րդ դարի սկզբին (Վենետիկում)՝ թերևս հայերեն բոլոր գրքերից առաջ։ Իսկ ձեռագրերը ավելի ընդարձակ են, և մոտ երկու թերթ թարգմանված է արաբերենից ռամկորենի 1222 թ․ Անեցի Առաքել աբեղայի կողմից (Չեչկանց Մխիթար Շիրակվանեցու օգնությամբ)․ արաբ հեղինակները կոչվում են Խալավխան և Սուլթան, իսկ գրքի մասին ասում են․ «Թուփառմուլք է անուն գրիս, որ թարգմանի Աղէկախօս, և ճշմարիտ վիճակն և աղէկ․․․ 56 ցեղ երազ է, ու ամենուն մեկնութիւնն գրած է ի յայս գիրքս, բարի երազն ու չարն, և զարմենայն մարդու, որ ինչ գալու է»։  Մեզ հայտնի անեցի գրիքնեչից ու գրվածքներից սա վերջինն է և բացի մի քանի բառից՝ պիտանիությամբ էլ է վերջինը։ Այս գրքի՝ հաջորդ դարերի օրինակողները Առաքելի լեզուն հարմարեցրել են իրենց ժամանակին ու տեղին կամ բառերը պարզեցրել են ավելի կամ պակաս փոփոխություններով։ Կան նաև բառգրքերի կարգով բաժանված համառոտ երազահաններ՝ շատ անգամ տպագրված տոմարների հետ՝ իբրև եղանակների գուշակության մաս, դրանց հետ՝ նաև ոմն Իգնատիոսի իրենց արժանի «Մարմնախաղաց»֊ը, լուսատուների հայտնվելու, խավարման, շրջանի օրերի և այլ գուշակությունները՝ Դանիելի անվամբ, և տեսակ֊տեսակ աղթարքներ կամ ախտարքներ, ինչը պարզապես նշանակում է «աստղագիտություն» կամ «աստղերի գուշակություն», բայց նույն անունով իմացվում են նաև սնոտի բժշկական բաներ և նուսխաներ, որոնց հեղինակ է համարվում Ճալիանոսը, այսինքն՝ Գալենոս հին հույն խելամիտ բժիշկը, ըստ ոմանց էլ՝ ոմն կախարդ Կապրիանոս՝ իբր ս․ Հուստիանեի վարքի մեջ հիշատակված Կիպրիանոսը։  Այսպիսի գրվածքները կամ մեկ առանձին հիվանդության մի դարմանի մասին գրվածքները, որ շատ են, դրանց սուտ զորությանը հավատացողների՝ իրենց ծոցում կամ գրպանում կրելու պատճառով կոչվում են նաև <i>գրապանակներ, պահարաններ, պահապանակներ՝</i> իբրև հիվանդություններից և պատահարներից պահողներ, որի համար նաև՝ <i>գիր պահպանության</i> կամ <i>օգնականության</i> կամ միայն <i>գիր</i>, որը գրելն էլ կոչվում է <i>գիր հանել</i> կամ <i>գիր առնել</i>, և մեկը է՛լ ավելի լավ կոչվում է «այլախոս թուղթս»։ Մանդակունին զգուշացնում է՝ ասելով․ «Պահարանք ի Սիբնկոնք ի կռապաշտութիւն տանին»։ Երկրորդ բառը հունարեն УхвЮнз բառից է և նշանակում է «մանր նշխարի տուփիկներ», որոնց մեջ դնում էին պահպանիչ նյութերը կամ գրերը, և որոնք փոքր լինելու պատճառով, ըստ Մանդակունու խոսքի, «կապէին ի ձեռին և ի յակին և ի պարանոցի»։ Այսպիսի փոքր բաները, տուփով լինեն, թե քսակի մեջ և թե այլ կերպ, կոչվում են <i>հմայեկներ</i>, որը նշանակում է «հմայելու բան»։ Երկար գրվածքը սովորաբար գրվում է նեղ և իրար կպցրած թղթերի կամ մագաղաթի վրա՝ մինչև 10, 20, 30 և ավելի չափ (մետր) երկարությամբ։ Գրվածքները մասամբ Ս․ գրքի և օրինավոր աղոթքների խոսքեր են, մասամբ էլ՝ վերոհիշյալի նման ափեղցփեղ։ Շատերի վրա մեջընդմեջ նկարված են տերունական և ծանոթագույն սրբերի պատկերներ (Լուսավորիչ, ս․ Սարգիս, ս․ Գևորգ և այլն) ընդդեմ պես֊պես հիվանդությունների, պատահարների և վտանգների կամ վնասակար կենդանիների։ Օրինակ․ «Երդմնեցուցանեմ զ666 ազգ Օձիցն, զգազանաց, զսողնոց, զեռնոց, որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցանեն զմարդիկ․ և երդմնեցուցանեմ զ304 ազգ Կորն (կարիճ)․ երդմնեցուցանեմ զԿորն և զՄուրն և զՓոյլախն և զԿարիճն, և զԿուրն, որ ունի թիւնից սատանայի։ Երդմնեցուցանեմ զհայր օձիցն և զամենայն գազանաց, զԻժն և զՔարբն» և այլն։ Եվ առանց ձանձրանալու՝ հիշատակում է հայերեն և օտար անուններով 30 կամ 40 տեսակ օձ։ Գուցե մի մասին էլ գրողն է ստեղծել, ինչպես մանր ճիճուներ, միջատներ, սողուններ էլ։ Ընդդեմ պատահարների կամ ի պահպտանություն դրանցից․ «Փրկեա զծառայս քո, և ամրածածուկ աջովդ քո պահեա զսա յամենայն որոգայթից երեւելի և աներեւոյթ թշնամւոյն, ի սրոյ և ի հրոյ և ի յօդոյ և ի ջրոյ, և ի հեղեղատէ, ի յընկղմանէ ծովու, ի յորդահոսան գետոց և յաղբիւրէ, և ի բքախեղդ ձիւնէ, ի լեռնատարափ թնդմանէ, ի վիմագլոր և ի թաւալագնաց քարէ․ ի յորոտմանէ ամպոց, ի շառափնաթափ կարկըտէ, ի յանկարծակի փայլատակէ և ի հրաբորբոք կրակէ, ի շարժմանէ, ի ցասմանէ և ի պատերազմէ, փրկեա և պահեա» և այլն։ Հայտնի է, որ մեր սուրբ կրոնն էլ բարեպաշտներին ներում է կրելու համար թե՛ որևէ սրբազան բան, ինչպես՝ ավետարանի մի մաս կամ մի քանի խոսք կամ այլ հոգևոր գրվածք, և թե՛ սրբազան նյութեր, ինչպես՝ սուրբերի նշխարներ, ոսկորներ լինեն, թե հանդերձ և այլն, բայց միայն այսպիսիները՝ անխառն սնոտի հմայական բաներին, և ոչ բնավ՝ օտար նյութ, նկար կամ ինքնահնար գրեր, ձևեր, բառեր, անծանոթ ու անէակ անձեր և անուններ, առավել ևս աղտեղի քուրջեր կամ նյութեր՝ լավագույն նյութերի մեջ փաթաթած, որի պատճառով կոչվում են <i>փաթեթայք, հեթեթանք, հանգուցակք</i> և այլն, ինչպես Անձևացյաց կողմերի վերոհիշյալ քարապաշտները և կրակապաշտները (նաև հետագայում) տալիս ու առնում էին թարախաշոր ծրարներ ու փաթեթաններ, և «դեղս ախտականս, առ ի կատարեալ զպղծութիւնս ախտից․․․ մարդիկ աշխարհին սովորեալք անդ առ քարին դեգերէին, առնուլ ի չաստուածոցն ծրարս թարախածորս՝ ի պատճառս ախտիցն, որպէս զծրարսն Կիպրիանոսի՝ առ ի պատիր Յուստիանեայ կուսին»։  Սրանց ջնջեցին նախ ս․ Բարդուղեմիոսը, ապա Հռիփսիմյանները ու Լուսավորիչը։ Բայց ցավալի և ամոթալի է, որ դեռ հետո էլ մնացած լինեն այդպիսի դեղատուներ, ինչպես դրանք կոչվում էին (թեև այս անունով իմացվում են մահացու դեղ տվողները)։ Ալավկի որդին իր ժամանակի սնահավատներին էլ է հիշատակվում, որոնք հմայեկների վրա խառը գրում էին դևերի, հրեշտակների ու սրբերի անուններ «և այլ բազում ոգեկորոյս և օտարացուցիչ յԱստուծոյ բանս յօդեն և գրեն ի մագաղաթի, խառն ընդ անուանսն և բանաքաղ լինին յաւետարանէն Քրիստոսի, և ի ներքս խառնեն գրովք, զի կենաց բանիւն՝ զմահացու բանն յօժարութեամբ առնուցուն․ և զայսոսիկ գրեալ լի մագաղաթիւ ծածկեալ, կնքեն տէրունական խաչիւն․․․ և առեալ դնեն ի դըրճի<ref>Մեկ օրինակում գրված է «ի թապուտի»․ մեկ այլ օրինակում՝ «ի Քաւութեան․ և զայն չնչմանս՝ զոր ուսոյց սատանայ՝ դնեն անդ ի ներքս ի ծրարս թաւութի և կապեն ի բազուկս» և այլն։</ref>․ այլ և կապեն ի բազուկս և ի պարանոցս մանկանց իւրեանց, անասնոց, ձիոց և եզանց և ոչխարաց․ և Պահապանս կոչեն զայս»<ref>«Եւ յայս զանազան հմայութիւնս՝ խառնեն որդն անկեալ ի վէրք, որպէս ցեցդ է․ թովչութեամբ ասեն արտաքս բերեալ»։</ref>։ Իսկ Մանդակունին դա կոչում է «Ժաժմուկս մտացածին բանից․․․ և զանուան, որ ոչ լսի ի պատուիրանս՝ գրածս առնեն, և զանուն Քրիստոսի ընդ նոսին արկանեն, զի գրածն՝ աստուածական համարեսցի»։ Անցյալ դդարի կեսին Իգնատիոսի վարդապետ Ջաղատյան Ջուղայեցին իր վարքի պատմության մեջ գրել է մի գլուխ՝ «Վասն սովորութեան կանանցն արեւելեան, մնացեալ ի հնոց ժամանակաց յօյէնս աշխարհական, բանք առասպելք և ծիծաղելիք», որոնց 44 տեսակ է համարում կարճ բացատրություններով և ավելացնում է, թե կան «այլ ինչ բանս ծիծաղելիք՝ որ ոչ կամեցաք գրել վասն առասպելութեան»։ Մենք էլ, նրան հետևելով, թողնենք և՛ նրա գրածները, և՛ ուրիշ շատերը, որոնցից ավելի գիտեն, գուցե և հնարում են արևելյան կանայք, որովհետև Կիրիանոսը աղթարքներում եղած կամ հաշվվաշ է համարում «6672 աղանդս կանաց և կախարդաց»։ Նմանապես թողնենք այլ ավելի անվնաս, բայց և անօգուտ գրվածքները («Յոթնագրյանք» և «Վեցհազարյակ» կոչվածները) հիշելն ու քննելը․ դրանք առանց հասկանալու պահվել ու պատվի են արժանացվել գիտունների ու անգետների կողմից, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրք»֊ը, որ երդվեցնող, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրքը»֊ը, որ երդվեցնող ու պահպանական աղոթքներ և աղճատանք են և որևէ բախտ ճանաչելու կամ գտնելու կախարդական խոսք ու չնչմանք, և որին հետևողները կոչվում են <i>ուրբաթատեսներ</i> և <i>ուրբաթալեզներ</i>։ Աղթարքները ընդհանրապես ախտերի և հիվանդությունների վերաբերյալ (որոնք մեկ անունով կոչվում են <i>գան</i>) այնպես են գրում, կարծես դրանք ինքնակամ կամ չար ոգիներ լինեն, և սրանց կերպ ու կարծիք են տալիս, ինչպես տեսանք շուտիկի մասին խոսելիս, որի հետ հիշատակվում են՝ գնայուն ու սողուն, կեր, առիքեն, գետնառյուծ, աղվեսակ, ծիրանուկ, խուլիկ, խլուրդ, աչքունք, մազիկ, դիպուկ, գորտնիկ, խաղողիկ, սևբուշտ, խումրա, խոցտուկ, մարմնագույն և այլն, որոցից շատերը՝ իբրև ցավերի ու ախտերի տեսակներ, հիշատակվում են բժշկարաններում։ Բայց աղթարքների լավագույն ասածը սա է․ «Չիք ես և ի չիք դառնաս։ Դեղ Հիսուս Քրիստոս լինի․ ամէն»։ =Հանդերձյալ կյանքՉար և բարի ոգիների հիշատակնումները ինքնին հայտնի դարձրին մեր հեթանոս նախահայրերի՝ հանդերձյալ կյանքին հավատալը։ Եվ բովանդակ ազգերի մեջ ո՞վ չի տարակուսել կամ չի ընդունել այս, եթե խելագար չէ՝ բացի մի քանի լիրբ իմաստակներից, որոնք անաստվածությունն անգամ պարծանք են համարում։ Որքան էլ ընդհանուր է հանդերձյալ կյանքի հավատը, այնքան էլ միօրինակ չէ, մանավանդ շատ է զանազանվում հոգիների վիճակի կամ գործերի հատուցման և արքայության ու դժոխքի գաղափարը։ Եվ ըստ այսմ՝ շատ փափագելի էր իմանալ մեր ազգակիցների կարծիքը, ինչի մասին մեզ որոշակի ավանդություն չի հասել, այլ ինչ֊ինչ նշմարներ։ Դրանք առավելապես վերաբերում են երկու կյանքի կապին կամ կամրջին և նրա երկրային հիշատակարանին այսինքն՝ մահվանը, հուղարկավորությանը և գերեզմանին։  Գրողը և առնակը հայտնի դարձրին, որ ըստ ճակատակագրի սահմանած ժամանակի՝ հոգեպահանջ ու հոգեկոչ հրեշտակը կամ դևը գալիս է մարդկանցից յուրաքանչյուրի մոտ՝ մարմնից հոգին հանելու համար։ Կվայելեր, որ հերշտակի՝ արդարներին ուղղված կանչը մեղմ լիներ և կոչվեր <i>հրավեր</i>։ Այս բացատրությունը մինչև հիմա՝ նաև քրիստոնեության ժամանակներում, գործածվում է մեր լեզվում և գուցե ավելի, քան օտարների մոտ։ Իսկ բոլորի համար ճակատագրի վճիռը հրաման էր, ինչպես գուշակվում է Եզնիկի վարդապետությունից․ դրանով «հրամանացն եւս հարցուածք․․․ լուծանին։ ― Զի՞նչ Հրամանքն իցեն, և ուստի՞ բան Հրամանացն ընդ աշխարհ տարածեալ իցէ։ ― Հրաման վասն մահուան՝ յաստուածատուր գիրս ոչ ուրեք գտանեմք։ ― Ո՞ւր իցէ այն զոր ասեն, եթե որ ինչ ի ճակատագրին գրեալ է Հրամանացն՝ այնմ չէ հնար վրիպել․․․ և ուր Հրամանքն իցեն և յումէ Հրամանքն՝ ըստ այնմ և մեռանին, և վրիպել չէ հնար ի սահմանելոյ Հրամանէն»։ Նույնպես և Հովհաննես կաթողիկոս Մանդակունին է գրում․ «Մի՛ մոլորեսցուք իբրեւ զհեթանոսսն՝ ի Բախտ և Ճակատագիր և ի Հրամանս, զի զինչ և Հրամանքդ տարածին ըդն ամենայն երկիր և բնադագուշեալ խօսին սուտ, եթէ մարդ ընդ Հրամանս վարի և գործէ» և այլն։ Բայց ինչպես <i>հրավեր</i>֊ի համար ասացինք, <i>հրաման</i> բառը ևս գործածված է քրիստոնեական գրվածքներում, ինչպես Բասենի կողմերում Արտավազդ Կամսարականի նորագյուտ տապանաքարի վրա․ «Աստուծոյ Հրամանաւք աստուածակոչ հրաժարմամբ՝ աստ է հանգուցեալ»։ Առաջիններին (<i>հրավեր</i> և <i>հրաման</i>) լծորդ <i>հրարում</i>֊ն էլ օտար չի թվում նաև հեթանոս հայերին, գուցե և Ֆերուհերի իմաստին։ Մեռյալներին պատանելու և հուղարկավորության ծեսերի կարգին էլ շատ ծանոթ չենք, բայց շատ տարբեր չենք կարծում համակրոն և մերձավոր ազգերի ծեսերից, մանավանդ եթե գիտենք հիշատակված մի քանի նշմարներ։ Այդպիսին են լալկան կանայք, որ կոչվում են նաև <i>եղարամայրեր</i> (ողբացող մայրեր) , և արտասվաշարժ ձայնարկու և երգեցիկ գուսանները՝ չափազանց և հեթանոսներին հատուկ սուգի ու ցավի ձևացյալ նշաններով, մազերը պոկոտելով, մինչև արյուն կաթեցնելը երեսն ու թևերը կծոտելով․ սովորույթներ, որոնք սպրդել են նաև անզգաստ քրիստոնյաների մեջ, և որոնց դեմ շատ անգամ են գրել մեր հայրերն ու դատապարտել են կանոններով<ref>Քննելի է Հովհաննես Գառնեցու խրատը․ «Մի՛ տայցես թոյլ՝ առնել ի վերայ մեռնելին Կոծ և Կապոյտ, և Կտուրս հերաց և Աւճիրս»։</ref>։ Ավելի պժգալի չափազանցություն էր թագավորների և մեծամեծերի սիրելիների, կանանց, հարճերի, ծառաների կամավոր և ոչ կամավոր մահն ու սպանությունը (էլ չենք ասում՝ նրանց հեծած ձիերի և շների սպանությունը), ինչպես հիշատակվում է Արտաշես Բ֊ի համար․ թերևս նրանց խղճալի և իրական ողբերը չլսելու համար զորացնում էին երաժշտության ձայնը։ Այդ վերջին անիրավ և անօգուտ սովորությունից զատ՝ ողբասացներն ու գուսանները և ծիսական երգերը պահպանվել էին նաև քրիստոնեույթան ժամանակ՝ թագավորների և մեծամեծերի համար, ինչպես հատուկ գրված է մեծն Տրդատի մասին (թվում է՝ Խորենացու կողմից) և Արծրունի մեծ իշխանների մասին Թովմա Արծրունու կողմից։  Սգո նշանների մեջ սևը ընդհանուր է գրեթե բոլոր ազգերի՝ համար, մինչդեռ սպիտակը նշանավոր է մեր ազգի մեջ, թեև ոչ բոլորի, այլ թագավորների կամ մեծամեծերի և քահանաների համար, որոնց հատուկ էր և սպիտակ հանգելը․ մասնավորապես աշխարհակալ Տիգրան Արշակունու մասին, իբրև աչքի զարնող մի բան, այդ հիշատակում են մերձաժամանակ օտար հեղինակները։ Արքունի և կրոնական հանդիսությունների ժամանակ էլ սպիտակ պիտի լինեին մինչև իսկ կառքի ձիերը և զոհաբերվող կենդանիները, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը Խոսրովի և Տրդատի մասին խոսելիս։ Թվում է, թե սգո սևը նրանց արքունական և սրբազան աստիճանից զրկել էր համարվում։ Այդ իսկ պատճառով դագաղները, հուղարկավորության սպասքը և սպասավորների զգեստները պիտի լինեին սպիտակ։ Հայոց արքունիքում այս սովորույթը պահպանվել էր նաև մինչև իսկ վերջին (Ռուբինյան) հարստության մեջ, և մինչև իսկ վերջին թագավորն էլ (Լևոն Ե֊ն, որ հայ կարող է կոչվել միայն մոր կողմից) սպիտակ զգեստով ու սպիտակազգեստ հուղարկավորներով տարվեց թաղվելու (Փարիզում)։ Մեր «Մաշտոց»֊ը ևս պատվիրում է վախճանված քահանային սպիտակ զգեստ հագցնել ու գերեզման դնել սպիտակով։  Իրենց մեռյալների մարմինների առումով մարդկանց շատ տարբեր սովորույթներ են եղել՝ պահելու կամ փչացնելու կամ բնությանը հանձնելու, որ ինքը պահի կամ քայքայի իրենց ձևացածին։ Ըստ առաջինի՝ ոմանք (եգիպտացիները) ջանում էին դեղերով և զմռսելով անփուտ պահել մարմինները, գոնե մեծ համարված մարդակնցը․ մումիաները ամենքին են հայտնի։ Ոմանք էլ (ինչպես պարսիկները, հռոմեացիները և այլն) այրում էին և պահում միայն ոսկորները կամ մոխիրը։ Ուստի մեր կրոկանակն գրքերում էլ սովորություն է դարձել «աճյունացյալ մարմիններ» ասելը։ Բայց մեր հեթանոս նախնիների մեջ դիակներ այրելը չի հիշատակվում, այլ, ըստ ընդհանրական և բնականագույն օրենքի, հողում թաղելը կամ կես պահպանությամբ, զմռսելով շիրիմներին, քարեղեն գերեզմաններին հանձնելը, ինչպես անում էին նաև քրիստոնեության ժամանակներում թագավորներին, իշխաններին, բարձրաստիճան եկեղեցականներին։ Մինչև հիմա էլ այդպես են անում նաև օտար ազգերը։  Հնագույնները իրենց իշխանազուններին կամ վեհազուններին մարդկանց մեջ բարձր դասելը հայտնի դարձնելու համար նարցն թաղում կամ դնում էին բարձր տեղերում։ Հայկի մասին էլ է ասվում, որ Բելի դիակը դեղապատելով՝ թաղել տվեց բարձրավանդակ տեղում՝ «ի տեսիլ կանանց և որդւոց»։ Եթե նունիսկ նա կամ ավանդող պատմիչը այլ մտքով է սա արել, մինչև հիմա էլ թե՛ մեր, թե՛ օտար երկրներում, գերեզմաններում են գտնում լեռների ու բլուրների վրա։ Եվ ոչ միայն երկրի անշեն բարձունքների, այլև շինվածքների, մանավանդ լայն պարիսպների վրա էին գերեզմաններ կանգնեցնում, որտեղից սովորություն է դարձել մեր գրքերում նույն պարիսպների բրգաձև և այլ ձևերի բարձր մասերն էլ <i>մահարձան</i> անվանելը։ Այսօրինակ բարձրադիր գերեզմանների պատճառները կարող են շատ լինել․ գուցե մեկն էլ առլեզների իջնելու դյուրության համար լինի։ Հների սովորությունն էր նաև հողաբլուր գերեզմաններ շինելը, այսինքն՝ կա՛մ գետնի մեջ թաղելով, վրան հող ու քար կիտելով՝ բլրակ ձևացնելը, որ կոչվում է նաև <i>թիլ</i>, կա՛մ բնական բլրակների մեջ փորելը և դագաղը կամ դիակը այնտեղ դնելը։ Սակայն այս կերպը մեր ազգակիցների մեջ շատ հաճախ չի հանդիպում։ Նույնիսկ թագավորները և իշխանազունները պատրաստում էին իրենց սեփական գերեզմանատունը, ուր թաղվում էին կա՛մ առանձին փորված քանդակազարդ գերեզմաններում, կա՛մ հողի մեջ՝ մի քարի կամ վեմի տակ, որը, իհարկե, կարելի է կոչել <i>տապանաքար</i>։ Ըստ որում մարմինը ամփոփող խորշը կամ որևէ ընդունարանը կոչվում է <i>տապան</i>, իբրև թե մի սնդուկ, ինչպես և նշանակում է <i>տապանակ</i>֊ը։ Բայց գուցե <i>տապան</i>֊ն ի սկզբանե ունեցել է նաև <i>տապ</i> բառի իմաստը՝ նման հույների фЬцпт, фЬцз բառին, որ նշանակում էր «դիակներն այրելու վայր»։ Եվ եթե սա չէ, առավել հավանական է թվում նրանց фЮмвпт անունից (որից և՝ լատիներեն Tumba, ֆրանսերեն Tombe) առնված <i>դամբան</i>֊ը, որը այնքան տարածված է մեր լեզվում, որ մինչև իսկ մեռյալների վրա ասված ողբը կամ խոսքը կոչվել ենք <i>դամբանական</i> և <i>գերեզմանական</i>։ Հիշատակեցինք նաև պարսից աղանդի մեջ նրանց մեռելատեղին՝ <i>դուխման</i>։ Այս անունը մասամբ հիշեցնում է մեր կմախք բառը, որ նշանակում է «մեռյալների՝ մսից զատված մասը, ոսկորները կամ չորացած մարմինը»։ Այս անվամբ նաև թագավորների գերեզմանատեղիին մերձակա շենքը կամ գյուղը Կամախ է կոչվել և կոչվում է մինչև այսօր։  Մարդիկ (ասում են մեր ազգակիցների մասին), քանի դեռ ապրում են, գուցե բնակարաններին այնքան զանազան անուններ չեն տվել, որքան իրենց մեռյալների պահատեղիին։ Դրանցից ամենահասարակը, գուցե և ամենանշանավորը շատ անգամ գրածներս է՝ <i>գերեզմանը</i>, որը, թեև բավական երկար ու եռավանկ բառ է, բայց դեռ ստուգապես բացահայտված չէ (բաց թողնենք բառի ծաղրելի մեկնությունները՝ <i>գերե զամենն, գերու աման</i>)։ Այսպես է ասել նաև Վանական վարդապետը, բայց ավելացնելով․ «Դիր միոյ կամ գերոյ աման, պարսիկ բառ է․ Ներքոյ հողոյ կամ երկրի ասի Գերեզման»։ Սա մի հին հեթանոսական գաղտնիք պահող է թվում։ Գուցե զուգադիպություն է, բայց այս իմաստից հեռու չէ հունարեն Кзс կամ У՝зсет անունը, որ նշանակում է «մահվան ոգիներ» կամ «քաջարի»։ Նման հնչումով, բայց հակառակ իմաստով՝ հին հռոմեացիները արարիչ Աստծուն կոչվում էին Կերուս֊Մանուս (Cerus Manus)։ Այս հնչմանը մերձավոր և իմաստով նրանից ոչ հեռու է Ավեստայի լեզվի <i>կորոտման</i>֊ը, որը հիշատակել ենք նախորդիվ, և որը հավանելի է եղել արևելագետներից ոմանց։ Ըստ հնչման և իմաստի՝ մեր մեղմահուշիկ <i>քնարան</i> անունն էլ մերձավոր է հույների <i>քենի՛րիոն</i>֊ին, КенЮсйпн, որը, <i>տա՛փոս</i> բառի հետ բարդվելով, դառնում է КенпфЬцпт, այսինքն՝ <i>քնատապան</i>։ Սովորաբար հույները այսպիսի գերեզման կանգնեցնում էին ծովում մեռածների կամ նրանց համար, որոնց մարմինները կորսված էին, և հարմար էր, որ գոնե քնի մեջ լիենին։ Քրիստոնեությունը սրբագործել և ազնվացել է այս անունը, մանավանդ մեր եկեղեցու լեզվով, որը իր հավատացյալ մեռյալներին կոչվում է ննջեցյալներ և հանգուցյալներ։ Մի անծանոթ ծագմամբ բառ էլ մեր <i>շիրիմ</i>֊ն է, որ նշանակում է «մեծագործ գերեզման», ինչը, ըստ Փիլոնի մեկնիչի, կոչվում է <i>հիշատականոց</i> և ճիշտ Monumentum, Monument ասվածն է։ Բայց նույն հեղինակը ասում է նաև․ «Շիրիմ կոչէին նախնիքն՝ զգերեզման մերկացեալ»։ Իսկ Մխիթար Գոշը («Մեկնություն Երեմիայի») գրում է․ «Շիրիմ՝ զայն ասէ՝ ուր զբազում մեռեալս դնէին»։ Վերջին բառը կամ բայը մեզ հիշեցնում է նաև <i>դիրք</i> անվանումը, որով հավանորեն նաև հին Հայաստանում կոչվում էին այն վայրերը, որտեղ դրվում էին մեռյալների մարմինները, և քրիստոնեությունը ավելացնում է <i>դիրք հանգստյան</i> անվանումը։ Ռամկական, բայց ավելի պարզ ու զգայուն է գերեզմանատեղերի <i>հողվերք</i> կամ <i>հողվայրք</i> անվանումը, որ հարմար է թե՛ առանց քարի թաղվող և վրան հողակույտով ծածկվող հասարակ մարդկանց և թե՛ հողեղեն մարդու՝ հող դառնալուն։ Հնությունը և թշնամությունը ջնջել կամ ծածկել են մեր հեթանոս հայրերի գերեզմանները (երանի՜ թե ոչ նաև հին քրիստոնյա ավագ մարդկանցը), ինչի պատճառով ստույգ չգիտենք՝ ինչ ձև, ինչ նշաններ ունեին, և մարմինների հետ ինչ էր այնտեղ դրվում։ Իսկ մյուս քրիստոնյաների գերեզմանների մեջ հեթանոսությունից մնացած են թվում խոյակերպ և ձիակերպ գերեզմանաքարերը հետին դարերում, քանզի հին թվականով (նախքան 16֊րդ դարը) արձանագրություններ չեն կարդացվել։ Գառը՝ Քրիստոսի հեզույան նշանակը, որը նախ Մկրտիչի կողմից Աստծու գառ կոչվեց, հայոց քրիստոնյա հայրերի և իշխանների մի սիրելի նշանակն էր և է։ Սակայն այդ իմաստը չէ, որ ունեն խոյակերպ գերեզմանաքարերը։ Ոմանք կարծում են, թե նշանակում են մեռյալի հովվական հարստությունը, ինչպես ձին էլ նշանակում է հեծյալ լինելը։ Սակայն կան շատ խոյաձև գերեզմանաքարեր, որոնց ներքո հանգչողները ո՛չ հովիվ են եղել, ո՛չ էլ խոյերի ու ոչխարների տեր, բայց գուցե և ուզվի նահապետական դարերի ավանդություն համարել այս ձևը, նարնից էլ՝ մեծագործ շինվածքների կամ ճարտարապետության <i>հոյակապ</i> ձևը, որ և <i>խ</i> տառով գրվում է <i>խոյակապ</i>։ Առանց պատճառի չէ, որ հույն ճարտարագործները իրենց սյուների համար ընտրել են խոյի գլուխը, որից էլ մեր <i>խոյակ</i> բառն է։ Հիշենք նաև անկերպարանք սյուների (ինչպես հոնիական ոճում) վերին երկու եղջյուրակերպ գալարները և այլն։ Այն մասին, թե ինչ օրենքով ինչ պաշտամունք, ինչ արարողություն էր կատարվում մեռյալների և գերեզմանների վրա, մեզանում այնպիսի գրվածքներ չկան, ինչպիսիներն ունեն եգիպտացիները և որոշ հին ազգեր։ Հավանական է միայն, որ ինչ֊որ աղոթքներ և զոհաբերություններ կամ մատաղներ էին կատարվում, ըդն որում ոչ միայն հուղարկավորության ժամանակ, այլև մեռյալների համար սահմանված հիշատակի կամ տոնական օրերին։ Տիգրան Բ Արշակունի թագավորը իր սպանված եղբոր՝ Մաժան քրմապետի համար «բագին ի վրայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն՝ ամենայն անցաւորք վայելեսցեն», և սա, թվում է, ոչ միայն հատուկ հանդիսավոր, այլև սովորական օրերի համար էր, որպեսզի ամեն անցորդ վայելի իբրև ձրի ճաշարան կամ հյուրանոց։ Երևի գրեզմանների մոտ դնում էին նաև կրակ ու ջուր, ինչպես մեզանում ոմանք նաև այժմ գերեզմանի քարի վրա խորշեր են փորել տալիս՝ որպես թռչունների ըմպանակ։ Վարդան վարդապետը Աբելի զոհաբերության մասին ասում է․ «Օրինակ է, Հուրն՝ որ ի վերայ գերեզմանի մեռելոյն արկանեն՝ խնկով»։ Մագիստրոսն էլ իր սովորական խրթնաբանությամբ գրում է․ «Ըստ․․․ յուղարկաւորութեան և արբանեկութեան՝ զկնի հուր ի ձեռին, և զդամբանականն քաջահնչող ձայնիւ»։ Քրիստոնեական է այս հուրը, բայց Քրիստոսի վառածից առաջ հեթանոսական մի կայծ էլ է փայլփլում։ Եթե թողնելով մեռյալների արտաքին պահատեղին և նրա մոտ կամ վրան կատարվածը՝ կամենանք նայել ոչ դրանց, այլ գոնե դրանց հատուկ անվանը, կգտնենք, որ նշանակալից է նրանց մարմինների՝ <i>դի</i> կամ <i>դիակ</i> կոչվելը․ միավանկ բառ՝ հնչմամաբ <i>դև</i> ու <i>դիք դիակունք</i> կամ <i>դից դիականց</i>, եթե արհամարհանքի համար չի ասվել<ref>Կարող է նկատվել, որ «մեռյալի մարմին» նշանակող <i>դի</i>֊ն բնական հոգնակի չունի, այլ կա նույնանիշը՝ <i>դիակն ֊ դիակունք։</i></ref>։ Գերեզմանից այն կողմ անցնելով զրադաշտական մի կամուրջով, որը հայերը պիտի ընդունած լինեին, եթե ընդունել են այդ աղանդը՝ նմանապես ընդունած պիտի լինեին նաև հոգու դատաստանը, որ Սերքոշը կատարում էր շատ կարճ ու արագ կամ, ըստ գրքերի, համառոտ։ Շատ հավանական է, որ այդ բառը այն հին աղանդից մեր քրիստոնյա հայերին է փոխանցվել հեթանոս հայերի հայերի կողմից, ինչպես շատերը կարդացել են մեր Եղիշեի մոտ․ «Զհամառօտ հատուցմունսն արդար դատաստանին» (Ա) կամ «Առնել համառօտս յաւիտենից ի մէջ արդարոց և մեղաւորաց» (Գ)։ Մեկ ուրիշն էլ գրել է․ «Հանդերձեալ է Որդի Աստուծոյ գալ փառօք և առնել զհամառօտն յաւիտենից»։ Նշենք նաև շարականում երգվածը․ «Որ ի վերջնումն աւուր համառօտի»։ Համառոտ դատաստանը երկար բացատրություն չէր էլ կարո ունենալ։ Արագ֊արագ կայացված վճիռը նայել է տալիս աջ կամ ձախ, վեր կամ վար, այսինքն՝ արդարների կայանին, որ, ըստ մեզ, արքայությունն է, կամ մեղավորների կայանին, որ դժոխքն է։ Այդ դժնդակագույն երևույթի դժնդակ անունը, անշուշտ, մնացել է հայերի հեթանոսական հավատքից, քանզի պարսից ու մոգերի աղանդը ևս նույն բառն է ասում՝ <i>Տուզախ</i> կամ <i>Տյուզեխ</i>։ Մեզանում այն կոչվել է նաև այլ կերպ՝ <i>ճուճաղխք</i>, ինչպես նշված է մեր հին բառգրքում։ Անունից երևում է, որ դժոխքի նկարագիրը և դատապարտյալների պատժի ժամանակը պետք է լինի զանդիկների և պարսիկների աղանդին համեմատ։ Մեր նույն հին բառգիրքը դժոխքը անվանում է նաև <i>տխուրք</i>, որի իմաստը հայտնի է ու շատ հարմար՝ հակառակ ուրախության և զվարթության կամ լույսի, այսինքն՝ «մութ և խավար»։ Մթության վերաբերյալ մի հատուկ ավանդություն մեզանում չկա կամ ինձ անծանոթ է։ Բայց հատկանշական է կամ զարմանալի, որ մինչև <i>մութ</i> բառը հատուկ է մեր լեզվին, օտարների (կարծեմ ասորիների) մեջ նույն <i>մութ</i> բառը (եվրոպացիների մոտ գրված Mouth) նշանակում է մեռյալների չաստված։ Դժոխքի ուրիշ անունները, որ կան մեր գրքերում, եկամուտ են․ <i>գեհյան</i>֊ը՝ եբրայեցիներից (թուրքերեն <i>ճեհեննեմ</i>), <i>տարտարոս</i>֊ը՝ հույներից։ Իսկ որտեղի՞ց է <i>սանդար</i> բառը, որից էլ՝ <i>սանդարամետք</i> ու <i>սանդարապետք</i>, որոնց չար ոգիների կարգում հիշատակել ենք, դրանց հետ՝ և <i>շահապետ</i>֊ը, ինչը թեև ասվում է այլևայլ առումներով, բայց հատկապես <i>դժոխքի շահապետ</i> է կոչվում այս ահավոր տեղի իշխանը կամ ոստիկանը։ Ըստ բոլոր ազգերի հեթանոսական ապշության ավելի շատ զրույց ու հավատք կա չարի և դժոխքի մասին, քանի բարիի և արքայության։ <i>Արքայություն և դրախտ</i> բառերը, որ այժմ մեզանում նշանակում են մեր երջանկության կայան, քրիստոնեության բերմունք են։ Հայտնի չէ՝ մեր նախնի դիցակրոն հայրերը պարսիկների նման արդյոք այն կոչվում էին <i>ահուվահիսդա</i> կամ <i>վեհեշդեմ</i> անուններով։ Եվ հավանական է, որ <i>անույշք</i> էլ կոչեին, ինչը գուշակվում է Եզնիկի ասածից․ «Կէսն ի փառս և կէսն յանարգանս․ և մի թերին յԱնոյշս և միւս թերին ի դժոխս»։ Եվսեբիոսի «Քրոնիկոն»֊ում էլ նախահոր մասին ասվում է․ «ՅԱնուշից և ի բազմերան կենացն տարագիր գտանէր»<ref>Մեր «Հաճախապատում» հին գրքում ևս, որը սովորաբար վերագրվում է Լուսավորիչին, արքայության վայելքը հաճախ կոչվում է <i>անուշակ փառք, անուշակ պարգևներ</i> և այլն։ Ակնարկելով նաև մեր դրացի պարսիկների աղանդը՝ ոչ միայն միաժամանակ <i>էնուշե</i> է կոչվում զվարճությունն ու լավությունը, այլև Աստծուն ընդծայած անուններից մեկը <i>Անուշակ</i>֊ն է։</ref>։ = Ծանոթագրություններ Պաշտամունք, պաշտամունքարան, պաշտամունքավարներ, սպասքԱյս գրքի սկզբում բացատրվեց, թե ինչ է պաշտամունքը, որի կատարման կերպը և հանգամանքները այդպես էլ ընդհանուր անվանումով կոչվում են՝ <i>պաշտամունք</i>, իսկ առանձին ձևերն ու մասերը՝ <i>ծես</i>։ Որքան էլ հետաքրքկան, թեև ոչ հարկավոր լինի սրանք իմանալը, պաշտելիների հետ և է՛լ ավելի կորսվել ու մոռացվել են։ Պետք է որ հայոց հեթանոսական ծեսերն էլ առավել կամ նվազ չափով նման լինեին նրանց մերձավոր ազգերի ծեսերին, սակայն քանի որ դրանք պատմության մեջ հիշատակված չեն, չենք ուզում օտարների մասին ասվածները մեջբերել․ ցանկացողը կարող է գտնել ընդհանուր դիցաբանության մասին գրքերում։ Հիշատակենք այնքանը միայն, որքան պահանջում են իմանալ պաշտամունքի բառերը, որոնցից գլխավոր <i>պաշտամունքարան</i>֊ն է։ ==Պաշտամունքարան== Հայտնի կամ հասարակական վայր է, որտեղ աղոթքով, պատարագով, զոհաբերությամբ ու պես֊պես արարողություններով կամ ծեսերով կատարվում է պաշտամունքը։ Հիշեցինք, որ նախահայրերը առաջներում (եթե աղոթքները կատարում էին իրենց տան մեջ) զգալի ու տեսանելի պաշտամունքը կատարում էին անշեն, բաց տեղերում, դա լիներ իրենց ագարակն ու դաշտը, բարձրիկ մի վայր, թե ծառոտ տեղեր, անտառներ և մայրիների պուրակ։ Վերջինս մեզ հիշեցնում է <i>Դից մայրի</i> կոչվածը Վիշապաձորում, որ Գաբեղյանք գավառում է՝ Երասխ գետի եզերքում՝ Կաղզվանի մոտ, որտեղ ձորի անունն էլ և այլ հիշատակներ հայտնի են դարձնում դիցապաշտության նշանավոր մի կենտրոն։ Տե՛ս նաև այն, ինչ նախորդիվ ասել ենք ծառերի պաշտամունքի մասին։ Բացօթյա տեղին հակառակ՝ շատ մոլորահավատներ, որ և մոլորաբարո էին, ցանկանում էին իրենց սնոտիքը և զզվելիքը կատարել գետնի երեսից էլ վար կամ նրա ծածուկ փոսերի ու հորերի մեջ՝ իրենց խղճի համեմատ, որ, լույսի ճշմարտությունից հեռանալով, մթություն է սիրում։ Ասվածը տեսանք քարերի պաշտամունքի մեջ, և այդպես է գրում նաև մեր հին վարդապետներից մեկը («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Դեւքն խաւարասէրք են, վասն այնորիկ և որ յանուն նոցա բագինքն՝ շինեալք էին ի գետնափորս և ի խաւարին տունս․ քանզի համարձակ լիցին դեւք՝ փայլատակմամբք և արհաւրօք և ահագին դնդընչմամբ կեղծաւորել»։ Դիքերի պաշտամունքի մեջ էլ գլխավոր պաշտամունքարանները տեսանք բաց և ընդարձակ վայրերում, ինչպես Բագրևանդում և Աշտիշատում։ Հայտնի չէ, թե արդյոք այն ժամանակ էլ էին այդպիսի վայրերը ընդհանուր անվամբ <i>պաշտամունքարան</i> կոչվում, ինչպես էր քրիստոնեության օրոք, և ինչպես գրում է Ագաթանգեղոսը, թե ոչ, բայց հայտնի են <i>տաճար</i> և <i>մեհյան</i> անվանումները։ Առաջին անվանումը, որ նմանություն չունի այլ ազգերի նույնանիշ բառերի հետ, եթե հատուկ հայկական անծանոթ իմաստով մի բան չէ, հավանորեն զուգակից է պարսկերեն <i>թեճեր</i> բառին, որ նշանակում է «ձմեռնատուն»։ Եվ բնական է հետևեցնելը․ քանի որ ձմռանը մանավանդ հայոց երկրի պես ձյունապատ վայրում պաշտամունք կատարել հնարավոր չէր, անհրաժեշտ էր ծածկված ու կառուցված մի տեղ, և ահա սա կարող էր լինել տաճարը (թողնենք «տա֊ճար» ծաղրելի ստուգաբանությունը<ref>Առավել ստուգության համար պետք էր գիտենալ նաև մեր Տաճար հատուկ անձնանվան ծագումը։ Որ Tage բառը, ինչպես գրում են եվրոպացիները, հին ժամանակներում իտալացիների կամ անգլիացիների նման էին հնչեցնում նաև էտրուսկները, որոնք այս անունով ճանաչում էին մի չաստվածի՝ իրենց կրոնի պաշտամունքը սովորեցնողին, կարող է ընկնել այս քննության տակ, եթե հիշենք այդ ազգի և հայերի հին առնչության մասին կարծիքը։</ref>)։ Ներկայիս կամ քրիստոնեական իմաստով <i>տաճար</i> նշանակում է մեծ և վայելուչ շենքով պաշտամունքարան, այսինքն՝ եկեղեցի (հռոմեացիների Templum֊ին համապատասխան), ինչպես և մեծ ու ճոխ ապարանք, նաև ուրախության, խնջույքի, կոչունքի ժողովարան ու ճաշարան։ Մեր հին նախնիների պաշտամունքարանի ավելի հատուկ անուն է թվում <i>մեհյան</i>֊ը, և վկայությունը դրանից բարդվածներն են (<i>մեհենընկալ, մեհենապետ, մեհենաբարձ, մեհենազարդ</i> և այլն), որոնք ոչ միայն գուշակել են տալիս մեհյանի պաշտամունքավարներին ու ծեսերը, այլև երբեմն էլ՝ պաշտելին կամ կուռքը։ Մեհյան է կոչվել մինչև իսկ կուռքը։ Բառի ծագումն էլ հավաստի չէ, բայց հավանական է, որ լլինի <i>լուսնի մահիկ</i> և պարսկերեն <i>մահ</i> բառերից․ ավելի շուտ դրանից, քան Միհր անունից էլ ծագած է թվում <i>մեհենական</i> ամսանունը։ Ըստ հնչման՝ մոտ է նրանց <i>մեհիյնե</i> բառին, որ նշանակում է պարզապես «ամսական»․ հիշենք նաև մեր մեհեկան ամիսը։ Իդկ դրանցից հետևեցնելն ու ստուգաբանելը թողնում ենք բանասերների կամքին ու իմացությանը՝ հիշեցնելով նաև մարդու <i>Մեհևան</i> հատուկ անունը և Մեհնունյաց տոհմը, որի անունը հավանորեն առնվել է մեհյանների պաշտամունքավարությունից, բայց կարող է ծագած լինել նաև անծանոթ ու հին բառից, որպիսին է <i>մեհենդակ</i>֊ը։ Կան նաև Մեհսուպ, Մեհեր, Մեհրիար անունները, բայց սրանք հանդիպում են ավելի նոր ժամանակներում և թվում են օտարամուտ։ Դիքերին կենդանիների նվիրաբերելը, մորթելով լինի, թե այրելով, պահանջվում է հատուկ անուն եթե ոչ բովանդակ պաշտամունքարանի, ապա գոնե նրա մի մասի համար (ինչպես մեր եկեղեցիներում էլ մատուռը և խորանը), և ասվում է <i>զոհարան ու զենարան</i>, գուցե և <i>սպանդարան</i>, որ ունի նույն կամ մոտ նշանակությունը (մորթելու տեղ) և որի պաշտամունքավարներին հատուկ եղավ Սպանդունիք անունն ու տոհմը, որոնց, ինչպես ասում է Խորենացին, Վաղարշակը կարգեց «ի վերայ Զենարանաց»։ Վանի բերդում փորված սենյակաձև քարայրներում, նույնպես և Դերջանում գտնվող Բագառիճում մինչև հիմա պատերի ներքևում երևում են խողովակակերպ նեղ ու երկար խորություններ, և կարծվում է, թե զոհերի արյունը թափելու համար են։ Տեսնողներից ոմանք կարծում են, որ պատերի վրա նշմարում են ցամացած արյան հետքեր։  ===Բագին=== Երբեմն այսպես է անվանվում նույնիսկ մեհյանը, բայց սովորաբար՝ նրա գլխավոր մասը, ուր դրվում էին պաշտելին, կուռքը և զոհը, ինչպես մեր եկեղեցիների սեղանն է։ Բագինը երբեմն լինում էր նաև շարժական, այսինքն՝ սեղանն ու կուռքը մեկտեղ, փոքր ծածկով կամ առանց դրա վերցնելով, տեղից տեղ էին տանում, ինչպես քրիստոնյաներն էլ պատերազմի ժամանակ շարժական սեղաններ են տանում։ <i>Բագին</i> բառը շատ հին ազգերի մեջ է լսվում։ Օրինակ՝ սլավոնների Bog֊ը, որ «Աստված» է նշանակում, ըստ մեզ՝ դառնում է <i>բոգ</i> կամ <i>բագ</i>, որից էլ <i>հուր֊բագ</i>, հին պարսկերեն՝ <i>բագա</i> (ինչպես Պերսեպոլիսի բևեռագրերում), որից էլ՝ Բաջիստան կամ Բիհիստուն, այսինքն՝ Բագաստան լեռան անունը։ Հիշենք նաև հին հնդիկների գրքերի Բհագա (Bhaga) կոչված չաստվածին և Բհագավանին՝ նրանց Վիշնու և Շիվա չաստվածներին, նաև փռյուգիացիների Բագեոս կամ Բագվե մեծ չաստվածին, չինացիների, հնդիկների և ճապոնացիների <i>բագոտ</i> կամ <i>պագոտ</i> կոչվող մեհյանները։ Ասվածը ենթադրել է տալիս, թե նախքան պարթևների՝ Հայաստանին տիրելը այդ բառը ծանոթ էր մեր ազգակիցներին և սրանց ժամանակներում այլ պահլավերեն անունների հետ ավելի հաճախ գործածվեց, և իբրև օտար՝ Ագաթանգեղոսի թարգմանիչը հարկ է համարել բացատրել, թե Բագավան նշանակում է «դիքերի ավան», Բագահառիճ՝ «դիքերի գյուղ»։ Սասանյանների տիրապետության ժամանակ բագին կոչվեցին նաև պաշտելու կրակի սեղանները, որոնց վրայի մի փոքր փորվածքն էլ բավական էր կրակն ընդունելու համար, և ըստ այդմ՝ շինվում էին նաև փոքրիկ բագիններ՝ շարժական կամ կանգուն։ ===Հաշտից տեղեր=== Զոհարանի նշանակությամբ, ըստ պարսկերեն <i>հաշտ</i> բառի, հայերիս մեջ ծանոթ են Տարոնում, որտեղ Վաղարշակն այդ պաշտամունքարանները, ըստ Զենոբի պատմության, հանձնեց հնդիկ Գիսանեին, և վայրը բնակարանների հետ կոչվեց Հաշտիշատ, որը երբեմն թարգմանությամբ էլ կոչվում է Մեհենագյուղ։ Հնդիկները իրենց նախնիներին նվիրած պաշտամունքարանը կոչում էին <i>աշտակա</i>, իսկ պաշտամունքի արժանավորին կամ սրբազանին՝ <i>յաշդանիս</i><ref>Ըստ Պյուռնուֆի՝ նշանակում է Digne qu`on lui offre le sacrifice ըստ Ռոզենի՝ Sacris celebrandis:</ref> <i>Հաշտ</i>֊ը նշանակում է թե՛ բագինը և թե՛ նրա վրա նվիրաբերվածը կամ զոհը։ Թեև հին հայերի հավատքում երկու անուններն էլ ընդունված են, բայց նվիրաբերությունների ու զոհաբերությունների հատուկ տեղը նրանց հասարակ լեզվով կոչվում է <i>սեղան</i>․ այդպես է կոչվում նաև կերակուրներ դնելու տեղը կամ շինվածքը։ Բառի ծագումը անշուշտ պիտի լինի <i>սեղ</i>֊ից, բայց դրա իմաստը անհայտ է<ref>Մի հին բառգիրք ասում է, որ <i>սեղա</i> նշանակում է «թամբ»․ եթե լատիներեն Sella բառը չէ արտաբերված, որ նշանակում է թե՛ «ձիու թամբ», թե՛ «աթոռակ» և ըստ այսմ՝ համապատասխանում է սեղանին։</ref>։  <i>Սեղան</i> անվան կազմության նման է և <i>խոր֊ան</i> (ինչպես և <i>բեր֊ան</i>) բառը՝ իր մեջ մի բան ընդունելու հարմար դիրքի նշանակությամբ։ Եվ ինչպես ներկայումս է եկեղեցիների սեղանների բոլորտիքը <i>խորան</i> կոչվում, թվում է՝ այդպես էլ՝ մեհյանների սեղաններինը, որոնցից այդ անունը հավանաբար անցել է քրիստոնեական շինվածքին և ըստ բառի սովորական նշանակության՝ ցույց է տալիս փորված (պատի մեջ) խոր տեղ, թեև ունի նաև այլ մոտավոր նշանակություններ, ինչպես՝ «վրան»։ Եվ հայնտի է դառնում, որ այն խոր տեղում պիտի զետեղված լիներ պաշտելի առարկան կամ կուռքը։ Այսպիսին կարծվեցին նաև Վանի վերոհիշյալ քարակտուր սենյակների պատերի մեջ փորված խորշերը, որոնք ուրիշները համարում են սափորների կամ տապանների տեղ։ Բագառիճի քարափոր սենյակում էլ է երևում խորունկ մի գոգավորություն, որ համարվում է կուռք դնելու տեղ։ Այսպիսի մի բան կարող է իմացվել նաև Թովմա Արծրունու՝ Արտաշես Բ֊ի մասին ասածից, որը Վանի մոտերքում՝ երեք բլուրների միջև՝ մի գոգաձև հովտում, շինեց «աշտարակ բարձրաձեւ փորուածոյ միջոցաւ, և ի վերայ նորա կանգնէ զԱստղկան պատկերն, և մօտ նորա տուն գանձու պաշտպանութեան կռոցն»։ Իրենց ենք թողնում՝ գանձե՞րն էին կուռքերին պաշտպանում, թե՞ կուռքերին էր վայել գանձերը պաշտպանել, բայց հայտնի է, որ բոլոր կռատների մեջ կամ մոտ կային գանձարաններ, մեծամեծերի և փոքր մարդկանց նվիրատվությունների պահատեղիներ, ինչպես հավաստում են Ագաթանգեղոս և Զենոբ պատմիչները, նաև ուրիշները՝ Լուսավորիչի գործերը հիշողները։  Այսպիսի տեղերը ապահովության համար պիտի լինեին ոչ միայն ամուր և գոց, այլև ծածուկ՝ հայնտի միայն քուրմերին և քրմապետերին։ Եվ այս պատճառով էլ թվում է, որ նույնիսկ մեհյանները՝ իբրև աղոթատներ, ժողովրդի համար շատ մտնելի չէին և ոչ իսկ ընդարձակ, ինչպես և հին հայոց եկեղեցիները։ Պաշտամունքասեր ժողովուրդը իր աղոթքը, նվիրաբերությունները և զոհաբերությունները կատարում էր մեհյաններից դուրս բակում կամ ոչ փակ տեղում՝ բագինների դիմաց կանգնած։ Դա հայտնի է դարձնում նաև առաջին մեհյանները շատացնող աշխարհակալ Տիգրանի մասին ասվածը․ «Մեհեանս շինեալ և առաջի մեհենիցն բագին․․․ կանգնել, զոհս՝ ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել, հանդերձ երկրպագութեամբ»։ Ասվածից գուշակվում է, որ հասարակ և աղքատ ժողովուրդը բագինին նույնիսկ չէր մոտենում, յալ իր պաշտամունքը կատարում կամ հանդեսները դիտում էր՝ հեռվում կանգնած։ Եվ հրեական տաճարի պես ներսը և ներքնագույն կողմը՝ իբրև սրբարան, չասեմ՝ սրբություն սրբոց, մտնում էին միայն քահանաները և առավել բարձր ու ցածր կարգ ունեցող պաշտամունքավարները։ Զենոբը (և ըստ նրա խոսքի՝ նաև «Հայսմավուրք»֊ը) վկայում է Տարոնի Աշտիշատի երեք հռչակավոր բագինների (մեհյանների) մասին, որոնք էին «բարձրաշէնք, և մեծամեծ ծախուք զարդարեալ յոսկւոյ և արծաթոյ և մարգարտաց և յականց պատուականաց», սակայն չի ասում «մեծագույն» կամ «ընդարձակ», այլ նրա և Թովմա Արծրունու ասածներից պարզ է դառնում շենքի ձևի հատկությունը, որ բարձրաշեն և աշտարակաձև լինելն էր։ Արդյոք այդպիսի՞ շինություններ էին ասորեստանյան աշտարակաձև զիկկուրատները, որոնք մի տեղ հիշատակեցինք Ծկրավոր մոլորակի կամ աստղի առիթով։  Ինչպիսին էլ լինեն բագինները, մեր պատմիչների ասածից էլ հայտնի է դառնում, որ կարող են կոչվել արտաքին մեհյան, և աշտարակաձև բարձրությունն էլ կանգնեցված կուռքերը բազմությանը տեսանելի դարձնելու համար էր։ Իսկ բուն մեհյանը հարմար է ներքին կոչվելու, ինչպես քիչ վերը հիշատակված Աշտիշատի պաշտամունքարաններում եղածը, որ պատմիչը կոչվում է ներքին սենյակներ։ Չաստվածի և նրա քուրմերի համար տեղի ընդարձակությունը կարևոր չէր։ Վանի և Բագառիճի վերոհիշյալ քարափոր սենյակներից զատ՝ Արարատ բնաշխարհում ևս՝ մի քանի տեղ, փոքր շենքերի հին մնացորդները կարծվեցին մեհյանների տեղեր։ Այդպիսին էր Քաղաղ գետի եզերքին՝ Չամրլու գյուղի մոտ՝ մի քարաբլրի վրա, մեր օրերում երևացող բոլորակ քարաշատ բակի պես մի տեղ՝ միջնամասում կոտրած խարիսխ կամ մի սյուն։ Սրա մի կողմին քանդակված էր տղայակերպ բազկատարած մի անձ՝ ոտքերից ներքև երկու պնակաձև փորվածք, իսկ մյուս կողմին՝ պարուրաձև գծեր։ Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։ Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։ Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ <i>ամենայն</i>։ Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։ Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ։ Մեզ էլ հարկ է այդ նշանավոր վայրերը քննել, որոնք խոսքիս կարգում շատ անգամ հիշատակվեցին, մանավանդ ամենաերևելին կամ պատմիչների կողմից այդպես համարվածը՝ Հաշտիշատը, որի անունը ևս վկայում է շատ մեհյաններ, պաշտելի և պաշտող ունենալը, ինչի պատճառով շրջակա բնակավայրը ևս դրանց հետ մեկտեղ կոչվում է այդ անունով, որ նշանակում է, ինչպես որ գրված էլ է, «մեհենագյուղ» և ոչ թե, Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը համաձայն, «շատահաշտ»՝ Рплэцпфпт, որից և լատիներեն Sacrificiis abundans֊ն է։ Եվ այս պատճառով էր կոչվում հայոց մեհյանների բուն տեղ, նույն կերպ և քրիստոնեության տիրապետության ժամանակ անվանվեց Եկեղեցագյուղ։ Եվ ինչպես որ այդ տեղի տերը քրմապատն էր, նոր տերն էլ եղավ հայոց քահանայապետը (ս․ Գրիգորը), որից ժառանգությամբ անցավ ս․ Սահակին, որի բնիկ կալվածքն է կոչվում, ուր և թաղվեց մարմինն իսկ՝ այն իբրև վերջին ժառանգ պահելով իրեն։ Եվ ինչպես հայկազունների մեծագույն կրոնական հանդեսներն էին այնտեղ կատարվում, այնպես էլ նոր կրոնապետը (Լուսավորիչը) հաստատեց, որ այնտեղ կատարվեն եկեղեցական ժողովները։ Հիշատակեցինք մի քանի ուրիշ մեծ և հաճախելի պաշտամունքարաններ, որոնց շրջաբնակ վայրերն էլ դրանց պատճառով կոչվեցին Բագավան, իսկ ողջ գավառը՝ Բագարանդ, որտեղ Նավասարդի ամանորյա օրերին կատարվում էին աշխարհախումբ ազգային տոներ և հանդեսներ։ Բագարանը, որ կառուցեց Երվանդը և Արմավիրից հայոց դիցախումբը փոխադրեց այստեղ, առաջին մայրաքաղաքը լինելով, հայտնի է դարձնում, որ հայկազունների առաջին ու մեծ կրոնատեղին կամ կրոնական իշխանությունն էլ քաղաքականին մոտ ու աթոռնակից էր, ինչպես հետո եղավ և Արտաշատ նոր մայրաքաղաքը։ Ի՞նչ պատճառով է Բագառիճը, որ նաև Բագնաց կամ Դից գյուղ էր կոչվում (Բարձր Հայքի Դերջան գավառում), եղել դիցապաշտության գլխավոր կենտրոն։ Թվում է, թե արևմուտքից Արտաշեսի ու Տիգրանի բերած հունական չաստվածներին ընդունելով՝ իբրև հայոց երկրի մոտ ու առաջին բնիկ սահման, կամ քանի որ բերողները հարմար են գտել այն կողմը, որը դրկից է ու ավելի ծանոթ այդպիսի դիքերին․ այնտեղի երեք գետնափոր մեհյանները և դրանց մերձակից լեռան վրայի մի մեհենատեղին հիշատակեցինք։  Նույն վիճակն են ունեցել Դերջանին սահմանակից Եզնկան, Անին, Թորդանը, Սատաղը։ Վերջինում գտնված Արտեմիսը կամ Անահիտը հայ դիցապաշտության ամենանշանավոր մնացորդն է և մեկը հելլենական ճարտարագործության մնացորդներից։ Եզնկայում է գտնվել նաև ներկայացվող քարեղեն քանդակը, որի առյուծները առաջին հայացքից կարծել են տալիս, որ պատկերվածը ս․ Իգանտիոս Աստվածազգյացն է։ Սակայն բազկաբաց անձի կերպարանքը հեթանոսության նշմար է հայտնի դարձնում։ Իսկ հին Թորդանի մոտ՝ Ավագ վանքում, ներկայումս պահվում է <i>դեղթափ</i> կոչված քարեղեն մի քանդակ, որ է՛լ ճշտությամբ և լուսատպությամբ հանել պատկերը, որը մենք ներկայացնում ենք խավարած մոտիտով ու թանաքով գծագրվածից։ Բագավան է կոչվել նաև Բաքվի սահմանը։ Ժամանակին այն հայոց 15 աշխարհներից մեկի՝ Փայտակարանի մի գավառն էր, որի պաշտելիքն էլ՝ ծանոթ բոափայլ և հրանյութ նավթը, գետնից էր բխում։ Այս երկրի մի մասն էլ առանձին գավառ ու անուն ուներ՝ Յոթնփորակյան բագիններ, որ ինքնին հայտնի է դարձնում ինչ ունենալն էլ․ յոթ փորված բագին՝ իբրև հրապաշտների դյուրապատրաստ ատրուշան՝ հեղուկ կրակն ընդունելու համար։ Ոչ սրանք, այլ նախորդիվ հիշատակված մեհյաններն ու մի քանի անծանոթները ևս լրացնում էին հայոց մեհյանների յոթ բագինները, ուր Տրդատի հայրը՝ Խոսրով արքան, հորդորում էր․ «Ոխտաւոր լինել պատկերաց կռոց դիցն պաշտաման․․․ զիւր ազգին Արշակունեաց զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր»։ Ըստ Ագաթանգեղոսի՝ հավանաբար սրանք Հունաստանից բերված կուռքերի դիքերն էին։ Իսկ յոթը լինելը կարող է հաստատվել նաև Ագաթանգեղոսի հիշատակածներով ու վկայությամբ և յոթ թվի՝ նաև հեթանոսների համար սրբազան համարվելով, ինչպես և հին հնդիկներն ունեին իրենց Մահալափուրամը, որ թարգմանվում է «յոթ բագիններ», պարսիկները՝ իրենց յոթ մեծ ատրուշանները, նմանապես կապադովկիացիները՝ կրակի յոթ բագիններ, և այլն՝ մի կողմ թողած հույների յոթնամյա դիքերի պաշտամունքը։ Մինչև հիմա ասածներիցս պարզ երևացին կուռքերի նյութերը ևս․ թե՛ պատվական մետաղներից էին, որոնք հույն ճարտարների ձեռքի գործն են, թե՛ փղոսկրից, թե՛ պղնձից և թե՛ հասարակ նյութից՝ քարից ու փայտից, որոնք, իհարկե, ավելի շատ էին ու շատ տեղերում։ Դրանց մասին մեր Լուսավորիչ հայրը հայերին ասում է (ըստ Ագաթանգեղոսի)․ «Որպէս և առ ձեզդ իսկ տեսանէաք զՔարապաշտ և զՓայտապաշտ մոլորութիւնսդ, որք առ տգիտութեան ի ձենջ նկարեցան․․․ անշունչ անմռունչ Քարանց պագանէիք»։ Վերջին խոսքը, ինչպես ուրիշ տեղում էլ հիշատակեցինք, կարող է նշանակել նաև զուտ քարապաշտություն, մինչդեռ առաջինով հայտնի է դարձնում ձեռագործ կուռքերը՝ տաշած ու քանդակած։ Եվ եթե ասածը, ըստ բառերի, ուզենք ճիշտ հասկանալ, «ի ձէնջ»֊ը ցույց է տալիս, որ հայերս մեր պաշտելիքը հնարել ենք մեր իսկ արհեստավորների ձեռքով, որոնց քարագործության մեջ ճարտարությունը երևում է քրիստոնեական շինվածքներում 5֊րդ դարից մինչև այսօր, և դրա ակներև վկաները Արարատի և Շիրակի եկեղեցիներն ու վանքերն են։ Մետաղներից ձուլված պատկերները՝ իբրև զուտ հայկական ձեռագործ, հույներից բերվածներից զատ, կարծեմ հիշատակված չեն, թեև անհավանական էլ չեն։ Իսկ պղնձե, նաև ոսկե դիցաբանական մանր քանդակներ՝ թե՛ ձուլված, թե՛ դարբնած, գտնվել են Հայաստանում, մանավանդ Վանտոսպի կողմերում․ դրանց վրայի պատկերները ոմանց թվում են ասորեստանյան կերպ ունեցող։ Սակայն գտնված մի քանիսի վրայի կենդանիների կամ մարդկանց պարզ կերպարանքները և զարդարձևերը չեն կարող նրանց համար հատուկ համարվել, և ավելի հավանական է, որ լինեն և հայկական։ Դա ավելի կճշտվի, եթե ավելի շատ հայտնաբերվեն այդպիսիները՝ մանավանդ հողեղեն ու կավեղեն, որ, զարմանալի է, մինչև այժմ գոնե գրողիս հայտնի չեն։  ==Պաշտամունք== Ամեն մի կրոնում պաշտամունքարանը կամ տաճարը նրա հավատացյալների ժողովարանն է, որտեղ նրանք իրենց ճանաչած Աստծուն առանձին կամ միաբան նվիրում են, նախ, իրենց խոնարությունը, որ նշանակում է ճանաչել նրա գերագույն մեծությունը, իշխանությունը և իրենց վրա ունեցած երախտիքը և այս նաև բերանով խոստովանել, ինչը աղոթքն է, երգը, գովաբանությունը և այլն։ Երկրորդ՝ որևէ կերպով նաև նյութական մի բան են նվիրում Աստծուն կամ աստվածներին․ և սա ձոնն է, պատարագը, զոհաբերությունը, ողջակեզը և այլն։ Իսկ դրանք իրենց կամ պաշտամունքավարների ձեռքով նվիրելու և կատարելու կերպը կոչվում է <i>ծես, օրենք</i>։ 1. Առաջին կերպի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ չունենալով և ոչ մի տող մեր հեթանոս նախահայրերի աղոթական խոսքերից։ Բայց ոչ մի որևէ կերպով աղոթում էին ու խնդրանքով դիմում աստվածներին, հայտնի է օտարների մասին Ս․ գրքի հիշատակածներից՝ Բահաղին կամ այլ կուռքերի արած աղաչանքներից, նաև Պողոս առաքյալի գրածներից և անհավատներին ու հավատացյալներին ուղղված խոսքերից։  Մեր Արտաշես Բ կենցաղասեր թագավորի մասին պատմվում է, որ փափագելով դեռ երկարաձգել աշխարհի վայելքը կամ ուրիշների իրեն վայելելը ուզելով մի նախարարի (Աբեղոյին) ուղարկեց «յԵկեղեաց [գաւառ] յԵրիզա, ի մեհեանն Արտեմիդայ, խնդրել ի կռոցն բժշկութիւն և բազում կեանս» (ինչը նա չտվեց․ ոչինչը չէր կարող որևէ բան տալ)։ Պարզ է, որ թագավոր և ծառա, հարուստ և աղքատ, եթե կրոնասեր էին, աղոթում էին յուրաքանչյուրը իր զգացած կամ իմացած կերպով։ Մեր խնդիրը այդ քննելը չէ, այլ պարզվելը, թե կային արդյոք սահմանված կամ շարադրված կարգով աղոթքներ, մաղթանքներ, երգեր, օրհնություններ։ Կարծում եմ՝ կային, և մեհենական մատյաններ կոչված գրքերի մի մասը բովանդակում էր այսպիսի բաներ, բայց ոչ ժողովրդի բերանով ասված աղոթքները, այլ պաշտամունքավարների կողմից ասվածները, մի մասն էլ՝ ասելու կամ լսելու կերպը կամ ծեսը՝ ձևերով կամ շարժումներով հանդերձ։ Թե այդ մատյանների մեջ ինչ սնոտի ու խայտառակ բաներ կային գրված, կարող է գուշակվել ոչ միայն քրիստոնեության ծագումով դրանց ջնջվելուց, այլև մի քանի տեղ մեր հիշատակված աղթարական աղոթքներից, որոնք, թեև հետո են շարադրվել քրիստոնյաների կողմից, բայց հեթանոսական հետք ու հոտ ունեն։ Հայտնի է նաև Բարդածան աղանդավորի արածից (2֊րդ դարում) որը, հայերի այդպիսի մեհենական գրքերը կարդալով, դրանց հակառակը գրեց։ Այս գրվածքները կուռքերի պաշտամունքի և բաշխերի վերաբերյալ էին, և թվում է, թե դրանք գրված էին մի այնպիսի կարգով ու ոճով, որ արժանի եղան ընդդիմաբան հերքման, թեև հերքելի անձի կողմից։ Մեկ այլ տեղում ևս հիշատակվում են մեհենական պատմություններ՝ որոշ չափով նման մեր եկեղեցիների դիվաններին ու կոնդակներին (ժողովրդի կողմից <i>քյություկ</i> կոչված)։ Սրանից պարզ է դառնում, որ եթե մեհյաններում պահվում էին պատմական գրվածքներ, ապա որքա՜ն ավելի շատ պիտի լինեին ծիսականները։ 2. <i>Ծիսական</i> անվամբ նկատի է առնվում պաշտամունքարանում պաշտամունքավարի ձեռքով որևէ կրոնական գործ կատարելը, ինչը սովորաբար կոչվում է <i>արարողություն</i>։ Բայց առաջին բառի միավանկ <i>ծես</i> արմատը ցույց է տալիս սրա հնությունը, որն արժանի է լեզվագետների քննությանը։ Մեզ անծանոթ է օտար լեզվի համահունչ բառ՝ բացի Արամազդի՝ Ծես կամ Ծաս անունից (թեև հույների մոտ <i>զ</i>֊ով հնչած՝ Զևս), որ նշանակում է «կենսատու»։ Հարկ էր, որ ծեսերի վարդապետության գիրքն էլ կոչվեր <i>ծիսարան</i>, բայց այս բառը գրքերում գործածված չէ, այլ նրա փոխարեն ասում ենք «Մաշտոց», և մեր ազգակիցներին հայտնի է այդ անվանումը։ Սա ս․ Մեսրոպի անունից չի առնված<ref>Եթե գիրքը կոչվելու էր այս մեծ, սուրբ վարդապետի անունով, կվայելեր այն կոչել «Մեսրովբ» կամ «Մեսրոպ» (այս էլ անծանոթ նշանակությամբ)։ Կարող էր լինել նաև մի Մաշտոց հատուկ անուն՝ մնացած հեթանոսությունից, մանավանդ Տարոնում, որտեղից սուրբն էր։ Սա էլ հիշենք, որ «Օրհնությունաբեր ցուցակը», որ «Մաշտոց» գրքի կանոնների կամ կարգերի ցանկն է, նրա կարգավորությունը Մովսես Խորենացու ձեռքով կամ դպրությամբ ս․ Սահակին է վերագրում, այլ ոչ Մեսրոպին։ </ref> և ոչ էլ 9֊րդ դարում այդ գիրքը նորից կարգավորող համարված նույնանուն (Մաշտոց) կաթողիկոսից, որը հավանաբար ինքն է անունը առել գրքից, որ պարզորեն կամ թարգմանաբար կոչվում է «Օրհնություններ» կամ «Օրհնությունաբեր գիրք»։ Սակայն <i>Մաշտոցը</i>֊ը (անշուշտ, <i>մաշտ</i> արմատից) «ծիսական» նշանակությամբ և սրա պես այժմ մեզ անծանոթ ծագմամբ հին և նախաքրիստոնեական բառ է, որի համար կարող է դիտվել լծորդություն <i>պաշտ</i> և <i>հաշտ</i> բառերի կրոնական իմաստների, նաև մշտիկի հետ, որով կրոնական ջրի ցողմունք է լինում, և որը, ըստ հին բառգրքի, նշանակում է «ցանիչ»։ Անտարակույս է, որ ինչպես ուրիշ և գրեթե բոլոր ազգերի, այնպես էլ մեր պաշտամունքների մեջ ջուրը ցանվում ու ցրվում էր՝ իբրև թե՛ անձերին և թե՛ նվերները սրբող<ref>Հայերենում կա նաև <i>մաշտել</i> հին բառը, որ նշանակում է «գլխի մազերը թափվել, ճաղատանալ»․ <i>մաշտոց</i>֊ը չեմ կարող հետևեցնել սրանից։</ref>։  «Մաշտոց» գրքի պարզագույն անունը հիշելիս մեր առջև հառնում է մի նոր նշանավոր բառ ևս (<i>օրհնություն</i>), որի արմատը, թեև ուղղականը գտնված չէ, <i>օրհն</i>֊ն է։ Բայց կա հոլովված հոգնակին՝ <i>օրհնից</i>, և բարդություններում՝ <i>օրհնեք</i> (ինչպես՝ <i>ջրօրհնեք</i> և այլն)։ Հիշելի է, որ ըստ հին վերծանողության՝ պետք է կարդալ ոչ թե <i>օ</i>, յալ <i>աւ․ աւրհնէք</i>։ Եվ դարձյալ մի քանի բաղաձայն տառի իրար մոտ զուգադրվելը ձայնավորի անհրաժեշտությունն է ցույց տալիս, և <i>ն</i> տառը գուցե լինի իմաստի զորացուցիչ, ինչպես՝ <i>ակն, հիմն</i> և այլն։ Եվ այսպես ենթադրելով՝ թերևս զուգորդվի նաև Ավեստայի լեզվում «աստված» նշանակող <i>ահուրա</i> բառին։ Ինչպես էլ լինի, հավանական է, որ <i>օրհնություն</i> բառն էլ հին է և հայոց հին հավատից է։ 3. Թողնելով մտայինն ու հնչականը՝ քննենք պաշտելիին ընծայվող նյութականը, ինչը կոչեցինք <i>նվեր</i> ընդհանուր անվամբ։ Դիրքերին տրված նվերները եղել են և լինում են բազմատեսակ ու բազմազան նյութերից, որոնք շատ անգամ էլ մեհյանների մեջ կամ խորանների վրա պահվելիք պինդ նյութեր էին, ինչպես՝ մետաղյա զարդեր կամ պատկերներ։ Եվ գուցե այնտեղ կախվելու պատճառով դրանք պարսկերեն բառով կոչվել են <i>նյուվար</i>, որ նշանակում է «պարան, չվան»։ Վերոհիշյալի հետ ունի՞ արդյոք առնչություն նաև Ավեստայի լեզվի <i>հոնովեր</i> բառը, որը նշանակում է կրակին նվիրաբերելու կամ պաշտամունքի ընթացքում ասված աղոթքը։ 4. Նվիրաբերվածի ընդհանուր և այժմ սրբազանացված անուն է <i>պատարագ</i>֊ը, և սրա՝ քրիստոնեական ծեսի մեջ ընդունվելը պարզ է դարձնում, որ հին հավատքի մեջ էլ այս էր նվիրաբերությունների ընդհանուր ու գլխավոր անունը։ Այդպես է ասվում նաև Ս․ գրքի մեջ։ Բոլոր կրոններում նվիրաբերվածների համար ասվող բառի հատուկ նշանակությունը կարող է ճշտվել բառաբարդությունների մեջ, ինչպես՝ <i>լիապատար, հուսապատար, և ածանցավոր</i> բառերում, օրինակ՝ <i>պատարուն</i>։ Բոլորն էլ նշանակում են «շատություն, լիություն», ինչպես կվայելեր նվիրել Աստծուն կամ դիքերին։ Առանձին ասված կա նաև <i>պատար սիրո</i> (Ոսկեբերան, Մեկնություն եփեսացիների)։ Այս (լիության) իմաստով ևս կարելի է գուշակել, որ պատարագի նվերները ի սկզբանե ոչ թե զոհեր էին, այլ բուսական բերք, որ առատորեն մատուցում էին։ Հետագայում իմաստը ընդարձակվեց ու տարածվեց բոլոր տեսակի ընծաների, նաև կենդանիների ու զոհելիների վրա․ ըստ այսմ՝ գուցե կարելի լինի ենթադրել առնչություն <i>պատարագ</i>֊ի և <i>պատրուճակ</i>֊ի միջև, որ սովորական զոհելին էր։  5. Ս․ գրքի վկայությամբ էլ (ըստ Աբելի ու Կայենի պատարագների պատմության) գիտենք, որ առաջին նվերները երկրի անշունչ բերքի հետ նաև շնչավորներ էին (կենդանիներ)։ Եվ որքան էլ պժգալի է բնության մի կյանք փչացնելը, լինի մորթելով, լինի արյրելով, մարդը չէր կարող այլ ձևով իրենից բոլորովին հեռացնել, իրեն զրկել այդ նվերներից, եթե ոչ ինչ֊որ կերպ դրանք ոչնչացնելով։ Մանավանդ իր կյանքը Աստծուն նվիրելու համար ավելի մերձավոր բան չկար, քան ուրիշ մի կյանք, այնպիսի կյանք, որ ապագա չունի, շատ թե քիչ պիտի ապրի, հետո պիտի ոչնչանա։ Այդ պատճառով Աստված հին օրենքի մեջ թույլ տվեց այսպիսի նվերներ, որ կոչվում են <i>զոհ</i>, իսկ այրվածը՝ <i>ողջակեզ</i>։ Սակայն ամեն բանի մեջ մոլորվող հեթանոսները անբանական կենդանիների հետ բանականին ու հոգիավորին էլ՝ իրենց նմանին՝ մարդուն էլ էին զոհում, նաև իրենք իրենց՝ անձնասպանությամբ և կամավոր ողջ֊ողջ թաղվելով իրենց սիրելի կամ տիրական մեռյալի հետ։ Զոհը, ինչպես անունն էլ հայնտի է դարձնում, հավանաբար հայերի մեջ է մտել սեմական ազգերից։ Արաբները այն կոչում են <i>զահայա</i>, եբրայեցիները՝ <i>զևախ</i>, զնադիկներն էլ՝ քիչ նման՝ <i>զասթրա</i>։ 6. <i>Հաշտ</i> բառի նվիրական իմաստը և հնդկերենից ծագելը արդեն բացատրեցինք։ Այն հետագայում միացած է թվում <i>յաճատա</i> բառին, որ պարսկերեն <i>յազատ</i>֊ն է, մեզանում՝ <i>յաշտ</i>, որի արմատը <i>յազ</i>֊ն է, և մեր գրքերում կա <i>անյազ</i>, ինչպես նաև <i>յազել</i>, այսինքն՝ կենդանիներ զոհաբերել, ինչպես որ պարսիկների <i>յազնա</i> և հնդիկների <i>յաճնա</i> անվանումները։ Արվեստի լեզվի <i>մազտիյազնա</i>֊ն, որ մեզանում գրված է <i>մազդեզն</i>, նշանակում է «Որմիզդի համար զոհաբերող»։ Նույն անունից է ձևավորվել նրանց <i>իզեշկյահ</i>֊ը, որ նշանակում է «պաշտամունքարան»։ 7. <i>Ձոն, ձոնիք</i> է կոչվում երբեմն նվերների մի տեսակը, և հատկապես՝ բոլոր տեսակների ընդհանրությունը։ Երբեմն նշանակում է նաև պսակների նման նվիրված բաներ, երբեմն էլ՝ անձինք՝ նվիրված դիքերի պաշտամունքին կամ նրանց պահպանությանը։ Ինչպես տեսանք, Անուշավան հայկազունը «նուիրեալ ի Սօսին Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի համար էլ կոչվել էր Սոսանվեր։ Մեզանում այդ անունը(<i>ձոն</i>) եկամուտ է թվում։ Նշանակալի է (թեկուզև պատահական լինի), որ <i>սունմագ</i> թուրքերեն բառը ճշտորեն նշանակում է <i>ձոնել</i>։  Թողնելով նաև նվիրաբերվածների այլևայլ անուններ քննելը՝ նորից աչք դարձնենք նրանց նոյթերին, որոնք անունների պատճառով արդեն հիշատակվեցին։ Սրանցից առաջինն ենք համարում բուսականները՝ թե՛ արմտիքը (ցորեն, գարի և այլն)՝ իբրև մարդուն հատկանշական տուրք, թե՛ ծաղիկները և գեղեցիկ տերևներով հյուսված պսակները, ինչպես Տրդատն էր հրամայում Գրիգորին, «զի Պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցէ բագնին Անահտական պատկերներին»։ Իսկ կենդանիներից նախ նվիրում էին նրանցից ստացվածը՝ կաթը և յուղը, բուրդը կամ գեղմը, իսկ հետագայում՝ նաև նրանց մարմինը և կյանքը վերոհիշյալ զոհերի ձևով։ Նվիրաբերում էին նաև (որոշ) կենդանիների ձագեր, որ երբ մեծական, զոհաբերվեն, ինչպես հիշատակեցինք Երիզայում Անահիտի աշտամունքի մասին խոսելիս․ նրանց միսը բաժանվում էր քուրմերին, աղքատներին և պանդուխտ հյուրերին, իսկ մի մասն էլ այրվելով իբր միայն դիքին էր նվիրվում։ Ակնհայտ է, որ զոհաբերվող այս կենդանիները սրբացվածներից կամ ուտելիներից էին՝ ոչխար, երինջ և այլն․ նույնը վերաբերում է նաև թռչունների մի մասին։ Թագավորները և հարուստները քուրմերի ապրուստի համար այսպիսի զոհելի կենդանիներ նվիրաբերում էին առատորեն, այնպես որ, երբ նրանց կրոնը ջնջվեց, անսնունդ մնալով՝ Լուսավորիչին հարցրին, թե ինչպես պիտի ապրեն, քանզի այլ արվեստ չգիտեին։ Սուրբն էլ հեթանոսական զոհերի փոխարեն սահմանեց քրիստոնեական ագապն ու մատաղը՝ առատ մաս հանելով քրիստոնեացած այդ քուրմերին և ապա քահանաներին։ <i>Մատաղ</i> բառը ոմանք ստուգաբանում են որպես «աղ մատուցելով օրհնված նվեր»։ Կարող է նաև հասարակ նշանակությամբ նշանակել «մատաղ կենդանի» կամ «առաջնեկ», ինչպես եբրայեցիներին էլ պատվիրված էր այդպիսիները նվիրաբերել Աստծուն կամ քահանաներին։ Ս․ Սահակը իր կանոնների մեջ ասում է, թե այս բանը ստուգել է իր նախնիների ավանդությամբ, և ըստ իր նախահոր (ս․ Լուսավորիչի) կարգադրության՝ որոշակիորեն սահմանում է, թե կենդանու որ մասը պետք է տալ քահանային և որը՝ այլոց, որպեսզի հակառակություն և անվայել խնդիր չլինի։ Հեթանոսները, այս ընտանի և տնտեսության մեջ անհրաժեշտ կենդանիներին բավական չհամարելով, զոհաբերում էին նաև գրաստներ, ինչպես ասվում է մեր Տրդատի հոր՝ Խոսրովի մասին, որը պարսիկներին վանելուց հետո, իբր հաղթանակելով և կամենալով գոհություն հայտնել իր օգնական չաստվածներին, «սպիտակ Ցլուք և սպիտակ Նոխազոք, սպիտակ Ձիովք և սպիտակ Ջորովք․․․ զհայրենեացն պաշտամանցն տեղինս մեծարէր»։ Այս նվիրաբերական մեծարանաների մեջ դիտելի է պածարների ու գրաստների սպիտակ և արու լինելը՝ գուցե չաստվածների սեռին համեմատ, քանզի Անահիտին երինջ էր մատուցվում։  Հպանցիկ հիշատակեցինք նաև պժգալի մարդազոհերը՝ թե՛ կամավոր (ինչպես Արտաշեսի հուղարկավորության ժամանակ) և թե՛ օտար ձեռքով՝ ակամա և բնռությամբ, ինչպես շատ անգամ հիշատակված Անձևացյաց կողմերի քարայրերում իսկապես բնավորված կամ խաբեական վիշապներին կույս աղջիկներ ու անմեղ պատանիներ մորթելով զոհաբերելը, որոնց արյունով զվարճանում էին բագինների դևերը, ինչպես ասում է պատմիչը՝ փոխանակ ասելու՝ դիվակերպ քուրմերը։ Հիշատակեցինք նաև Պլուտարքոսի պատմածը Սիկիսն սև քարի (Уйчйщн) առիթով, որը գործածում էին մարդազոհության համար, իբր նրանց զարկելու հետևանքով զոհելիների արյունը հորդ էր հոսում, ինչի համար նախատելով՝ հիշյալ Անանիա վարդապետը գրում էր․ «Յուռթեալք հեթանոսական յիմարութեամբ և կաշկանդեալ կապանպք ի տնչանս սրոյ(՞) զազրելից ճենճերոց, լնուին զյատակս պղծալիցն յարկաց՝ արեամբ իւրեանց ուստերաց և դստերաց»։ Սակայն չեմ կարծում, թե մարդազոհությունը Հայաստանում այնքան հանդիսավոր եղած լինի, որքան սեմական ազգերի ու հին գաղիացիների մոտ, այլ արվել է ավելի ծածուկ, ինչպես Անձևացյաց գավառում և Բութում եղածներն են գուշակել տալիս։ ===Հաշտ և զոհ=== Սովորական իմաստից զատ՝ այս բառերը երբեմն նշանակում են նաև պաշտամունքի սպասքը կամ գործիքը, ինչպես ասված է մի հին գրվածքում («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Շինուածք պղնձոյ և Մահարձանաց և Զոհից», որոնց ինչպիսին լինելն էլ արժեր գիտենալ։ Ագաթանգեղոսը զոհարանները հիշելիս բացատրում է նաև նրանց նյուն ու ազնվությունը․ «Ոսկեղէն և արծաթեղէն զարդուք, և վերջաւորս փողփողեալս, Նշանակապ պալարակապ մետաքսիւքն, և ոսկովք Պսակօք, և արծաթի Զոհարանօք, յանօթս ցանկալիս՝ ակամբք պատուականօք, ոսկով և արծաթով, հանդերձս պայծառս, և ի զարդս գեղեցիկս»։ Թեև ընդարձակորեն ասվածից որոշակիորեն չի իմացվում ինչ ձև ունենալը, բայց նկատելու արժանի են «վերջաւորքն փողփողեալք»֊ը՝ խույրերի ականջակալներից կախվածները, «նշանակապք»֊ը՝ թվում է նույն խույրերի վրա, և «ոսկի պսակք»֊ը, նաև «արծաթի զոհարանք»֊ը, որ կարող են նշանակել թե՛ սեղանը, թե՛ զոհերը կամ նրանց արյունն ու մասերը դնելու անոթները։ Ս․ գրքի, վկայություններում կամ տաճարների և զոհաբերությունների սպասքի այլևայլ անուններ, ինչպես՝ <i>նվիրանոցք</i> կամ, որ նույնն է, <i>նվիրաք, ճաշակք, սկավառակք</i> և այլն, որոնց պետք է որ նման լիներ և մեր հեթանոսների սպասքը, բայց քանի որ հատուկ չի հիշատակվել, կամ հիշատակումները ջնջվել են, փափագողները այդպիսիների մանրամասները կարող են գտնել օտարների դիցաբանության մեջ՝ դրանց հետ հիշելով նաև մշտիկն ու բարսմունքը։ Դիքերի պաշտամունքի մասին գրելով՝ հիշատակել ենք նաև նրանցից ոմանք տոների օրերը։ Սակայն մեզ հայակական հեթանոսական մի տոնացույց չի հասել՝ բացատությամբ հին տոմարների մեջ հիշված մի քանի քաղդեական հիշատակների։ <i>Տօն</i> կան <i>տաւն</i> բառն էլ կարելի է հայոց հին հավատքից մնացած համարել, և դրա ծագումը կամ ստուգաբանությունը՝ հետաքննելի։ Դա գուցե <i>տալ, տուրք</i> բառերի արմատը լինի՝ <i>ձոն</i>֊ի նման (իբրև համահունչ՝ հարևանցիորեն հիշենք արգոսցիների Հերա դիցուհու տոները, որ կոչվում էին <i>տոնյա</i> Tonèe)։  Պարսից աղանդի հետ, իհարկե, մեր ազգակիցների մեջ էին մտել և նրանց տոների անվանումները (ինպես կրոնի <i>կեշտ, քեշ</i> և այլ անունները), նաև <i>ջեշ</i>֊ը կամ <i>ջաշ</i>֊ը, որ նշանակում է «տոն», ինչպես ասվում է Ստեփանոս Սյունեցու՝ Գերմանոսին ուղղված թղթի մեջ․ «Նստէաք ի խաւարի դիցատօնակ Ջաշանց հեթանոսականց»։ Եվագրոսի գրվածքի մեջ էլ գրված է սխալ․ «Ջալհանց տօնից տարեկանց հեթանոսաց չհաւասարել»։ Հին բառգիրքը <i>ջաշանց</i> բառը թարգմանում են «զոհ, նվեր», որ կարող են նշանակել պարսից <i>չեսնի</i> բառը և մեր <i>ճաշակ</i>֊ը։ Մեկ այլ բառգիրք էլ <i>ջաշանց</i>֊ը՝ որպես անհոլով ուղղական, մեկնաբանում է որպես «դիվապաշտ» կամ «դիվանվեր»։ ==Պաշտամունքավարներ== Ոչ պակաս, գուցե և ավելի հետաքրքրական է ճանաչել մեր հեթանոս նախահայրերի հավատքի պաշտամունքավարներին, որոնք, թվում է, ավելի են զանազանվում օտարներից, քան իրենց պաշտելիները։ Ներկայիս կամ քրիստոնեական սովորությամբ բոլոր կրոնների հասարակ պաշտամունքավարին կոչվում են քահանա, բայց չենք կարծում, որ այս անունը ընդհանուր լինի նաև ոչ քրիստոնյա հայազգիների համար։ Հայտնի է, որ <i>քոհեն</i> բառը սեմական է կամ քաղեական և եբրայական։ Նույնպես և, ըստ արաբների, <i>քյահենե</i> նշանակում է «քահանաներ»՝ հոգնակիով, և իմաստն է «քավիչ», գլխավորն էլ քավչապետն է։ Ըստ այսմ՝ մեր Լամբրոնացի հայրը ստուգաբանում է որպես «սրբող» և «մաքրող»։ Որքան էլ <i>քավություն և քահանա</i> բառերը հնչման մոտիկություն ունեն, նրանց նույնասկիզբ լինելը երկբայելի է։ Թեև այդ անունը ընդհանրորեն չի գործածվել, բայց անտարակույս ծանոթ էր մեր ազգակիցներին, մանավանդ հարավցիներին՝ սեմական ցեղերին սահմանակիցներին։  Մի նմանահնչություն կարող է գտնվել նաև օտարների մոտ, բայց շատ զարմանալի է (եթե ստույգ են ավանդում ու լսում օվկիանոսի հեռուները քննող եվրոպացիները), որ Սանդվիչյան կղզիների բարբարոսները ևս իրենց կրոնի պաշտամունքավարներին կոչում են <i>քահունա</i>, իսկ քահանայապետին՝ <i>քահունա֊նվի</i>։ Այս համահնչությունը կարող է լուծել շատ մեծ և կարևոր խնդիր, որ վերաբերում է կրոնական միաբանությանը կամ Ասիայից հնագույն նավարկոթյամբ այն անծանոթ կղզիաբնակներին բերելուն։ Տեսանք, որ մեր հին պաշտամունքարանները կոչվում էին <i>մեհյան</i>, որից էլ պաշտամունքավարներից ոմանք՝ <i>մեհենակալ</i> և <i>մեհենապետ</i>, ինչպես և գրվածքները՝ <i>մեհենական</i>։ Բայց հատուկ և հասարակ պաշտամունքնավարի կամ, ասենք, քահանայի՝ այս բառից ձևավորված մի անուն չի հիշատակվում, այլ նրա փոխարեն մեր հին կրոնի պաշտամունքավարը ըդհանրապես կոչվում է <i>քուրմ</i>, գլխավորը՝ <i>քրմապետ</i>, բնակարանը կամ ժողովատեղին՝ <i>քրմարան</i>։ Հնչմամբ նշանակալի է <i>քուրմ</i> անունը, և հարկ է, որ շատ հին լինի, ծագումն էլ գուցե հատուկ, գուցե ոչ հատուկ հայկական։ Վանական վարդապետը հարցնում է ու պատասխանում․ «Քուրմն զի՞նչ ասի․ ֊ պարսկերէն՝ Հրավառ»։ Ասորիների լեզվով էլ <i>քուրմա</i>՝ ոչ անձի նշանակությամբ, այլ սրբազան կրիայի, քանզի նրանց Վիշնու մեծ չաստվածը, որ յոթ անգամ այլակերպվել է, մեկ անգամ էլ կրիայի ձև է առել, ինչը կոչվում է <i>քուրմավադարա</i> («կրիափոխություն»)։ Եվ կրիա դառնալով՝ կարողացել է շալակել ծովն ընկած երկնքի հաստատություն՝ը Մերու լեռը։ Արդարև՜, առասպելների առասպել։ Նրանց հին սրբազան (Վեդա) գրքերի մեջ հիշատակվում է նաև Քրումա, Քուրում, Քրամու անունով մի գետ։  Հայերենում <i>քուրմ</i> անվան սովորական լինելն են վկայում վերոհիշյալ բառաբարդությունները, որոնց ավելացնում ենք նաև <i>քրմուհի, քրմակին, քրմանույշ, քրմորդի</i> և ավելի պարզ բառեր՝ <i>քրմություն և քրմանալ</i>։ Իսկ <i>քրմարան</i>֊ը իր հայ֊լատիներեն բառարանում Ստեփանոս Ռոշքյանը նշում է որպես Խորենացու պատմությունից առած, ինչը այսօր ծանոթ «Հայոց պատմություն» գրքում չենք գտնում։ Այդ տեղը գուցե <i>քրմաժողով</i> կոչվածը լինի կամ տիբեթացիների լամայարանի նման թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրմերի մի բնակարան, որտեղ բնակվում էին ոչ թե հայուրավորներ, այլ հազարավորներ։ Դրան համապատասխանում է նաև Մեհենագյուղ կոչվածը Հայաստանում՝ իբրև մի գյուղ՝ ամբողջովին քրմերի բնակության համար, ինչպես Տարոնում էր։ Եվ նրանք այնքան բազմաթիվ էին, որ զորաժողով անելով՝ իրենց կուռքերն ու մեհյանները պաշտպանելու համար պատերազմեցին թագավորի զորքի դեմ, և չարաչար կոտորվածից հետո դեռ 438 հոգի գերվելով բանտվեցին Լուսավորիչի՝ այդ կողմերը եկած ժամանակ։ Հավանաբար կային քուրմերի այլևայլ դասեր ու աստիճաններ, որոնցից ամենագլխավորը՝ քրմապետը, շատ մեծ պատիվ ուներ՝ իբրև մեկը արքունիքի մեծագույն իշխանազուններից։ Հավանաբար քրմապետությունը տոհմով էր ու ժառանգությամբ։ Արշակունյաց թագավորության սկզբում կրոնական այս մեծապատվությունը տրվեց Վահունիներին, որոնք հայոց Վահագն դյուցազնի ցեղից էին «որք ինքնակամ խնդրեցին զմեհենիցն պաշտամունս․ և (Վաղարշակ) պատուէ մեծապէս, ի ձեռն տալով նոցա զքրմութիւնն, և կարգէ ընդ առաջին նախարարութիւնս, և անուն կոչէ Վահունիս»։ Հավանորեն նրանց տրվածը ոչ թե պարզ քրմություն էր, այլ քրմապետություն, քանզի նրանք առանձին գավառի ու մի տոհմի տերեր էին և չէին կարող հայոց բովանդակ երկրին հասնել, ինչպես նույն պատմիչը (Խորենացին) հետո ասում է՝ հիշելով Արտաշես Ա֊ի բերած կուռքերը․ «Զոր առեալ Քրմապետացն՝ որ էին յազգէ Վահունեաց․․․ կանգնեցին յայլեւայլ կողմանս, և զՀերակլեայն՝ զՎահագն իւրեանց վարկանելով նախնին՝ կանգնեցին ի Տարօն, յիւրեանց սեփական գեւղն յԱշտիշատ․․․ [իսկ Տիգրան որդի Արտաշիսի] ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէ՞ր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնել զպատկերն, ընկենու զնոսա ի քրմութենէն, և զգեօղն յարքունիս առնու»։ Սակայն տեղանը ի վերջո նորից դարձավ նրանցը, իսկ քրմատպետությունը, թվում է, ոչ։ Եվ երբ կռապաշտությունը ջնջվեց, Տրդատը ջնջողին՝ Լուսավորիչին, պարգևեց Աշտիշատը։ Տարոնի քրմապետությունը ընդհանուր ազգի կրոնական գլուխը պետք չէ համարել, այլ գլխավորներից մեկը։ Իսկ ամենագլխավորը՝ իբրև քրմապետերի քրմապետ, թագավորական մեհենատեղիների մոտ էր և նույնիսկ (թեև ոչ միշտ) լինում էր թագավորական ցեղից․ ինչպես արդեն հիշատակել ենք, Երվանդը այդ պատիվը տվեց իր եղբորը՝ Երվազին, Արտաշես Բ֊ն՝ իր որդուն՝ Մաժանին, որին սպանվելուց հետո «տարեալ թաղեցին ի Բագնացն աւանի՝ իբր զՔրմապետ»։ Ասել է թե այստեղ էր նաև նրանց գերեզմանատունը, ինչպես թագավորինն էր Անիում։ Եվ որպես սրբազան անձի՝ նրա գերեզմանի վրա կառուցվեց բագին։ Քուրմերի ու նրանց սպասավորների և սպասքի բազմությունն է վկայում նաև Ստրաբոն՝ հիշատակելով Փոքր Հայքում Անահիտ ու Մա դիքերի մեհենակալներին։ Նա հիշատակում է նաև քրմուհիներին կամ քրմանույշներին, որոնք տղամարդկանց պես դաս պետք է ունեցած լինեին։ Քուրմերը ոչ միայն ժողովրդի, այլև թագավորների կողմից արժանանում էին մեծ պատվի՝ ազատություն հարկերից ու ծառայությունից, առատ հասույթ։ Եվ ժառանգությունից զատ՝ արքունիքից ստանում էին շատ այլ պարգևներ էլ և պատերազմական ավարի մի մասը, ինչպես Խոսրովի մասին ասում է Ագաթանգեղոսը․ «Հինգերորդ եւս հանէր յամենայն մեծամեծ աւարացն ածելոց, և մեծամեծ պարգեւս քրմացն շնորհէր»։ Ըստ պատվի ու աստիճանի՝ հարկ էր, որ քուրմերի և քրմապետի զգեստները ևս լինեին վայելուչ ու ճոխ։ Գլխանոցը փռյուգիաձև խույր էր, հագուստը՝ չափավոր լայնությամբ մի պարեգոտ՝ վրան շուրջառի պես մի վերարկու։ Բայց դրանք հատուկ հիշատակված չեն։ Մնացածը կարելի է համարել քուրմի սովորական հագուստ, ինչը տեսել ենք պաշտված եղջերվանման կենդանու բագինի մոտ կանգնածների վրա, որոնցից մեկը՝ գավազանակիրը, ներքինի է թվում։ Մորուքավորի էլ դաստակների ապարանջաններն են նկատելի։ Թեպետ քրմերի դասը մեզ անծանոթ համարեցինք, բայց համարձակվում ենք կարծել, թե ինչպես հիմա քրիստոնեական քահանայության կարգում կան ստորին աստիճաններ, դրանք կային նաև հեթանոսության մեջ, և դրանցից մեկը սարկավագն էր, որովհետև սա քրիստոնեական դասերին վերաբերող անուններին նմանություն չունի և ոչ էլ հայտնի իմաստ։ Ոմանք կարծում են, թե առնվել է <i>սար</i> («սպասք և զարդ») կամ <i>սարիկ</i> («քող, ծածկոց») բառերից կամ, ավելի լավ է, <i>սարկ</i> բառից, որ առանձին գործածված չէ, այլ <i>սարկարան</i> բարդությունից հասկացվում է որպես (սուրբ) ամանների տեղ կամ պահարան, որով և սարկավագն էլ դառնում է պահապանը կամ պահապանների գլխավորը։ Ոմանք էլ համարում են, թե հոմանիշ է պարսկերեն <i>սերքյար</i> բառին, որ նշանակում է «գործավորների գլուխ, գործավագ» կամ <i>սերքյավ</i>֊ին («գիտունների, բանախնդիրների գլխավոր»)։ Ինչպես էլ լինի, չի բացառվում, որ մեր հեթանոսների քահանայության մեջ էլ լիներ այսպիսի և այս անվամբ պաշտամունքավար։ Ինձ թվում է, թե նմանապես հեթանոսական դասից է մնացել <i>մոնթ</i> անվանումը, ինչպես գողթնեցիների մեջ կոչվում են վանքերի ժառանգավոր դպիրները և աշակերտները։ Սա <i>քուրմ</i>֊ի և <i>մոգ</i>֊ի պես նշանավոր ու հին մի անուն է։ Ջուղայեցիների խոսքում կա նաև <i>մոնթություն</i> բառը։ Չգիտեմ՝ օտար լեզուներում կա՞ այդպիսի կամ մերձավոր անուն՝ բացի աթենացիների <i>մունիթ</i>֊ից, որ նշանակում էր աթենացիների Անահիտի մի հատուկ տեղի տոնը։ Գուցե դասակարգման մեջ էր նաև դաստիարակը․ այս բառը ներկայումս սովորաբար նշանակում է մանուկներին խնամող ու կրթող, և հիշեցնում է մոգերի <i>տեսդուր</i>֊ը։ Առաջաբանում կանխավ ասացինք, որ չենք ուզում այս գրածս նյութի, այսինքն՝ հայոց հին ու սին հավատի մեջ խորամուխ լինել, պատմական ավանդներ չունենալով՝ օտար դիցաբանություն ներկայացնել կամ սնոտի աղանդների ու զրույցների մասին երկար իմաստասիրել, ինչը, եթե արժեք էլ ունի, թողեցինք հարգողներին։ Այժմ մեր ճանաչածից կամ ասածից կարող ենք ամփոփել կամ կրկնել մի քանի բան։ Նախ՝ ըստ բուն անվան՝ կռապաշտությունը, որով սովորաբար կոչվում է Աստծուց դուրս պաշտամունքը, Հայաստանում շատ ծավալված չի երևում և ոչ շատ հին է։ Իբրև ուխտատեղի ծառայող մի քանի մեծ բագինները և Յոթ բագինների կամ մեհյանների հիշատակումները գուշակել են տալիս դրանց փոքրաթիվ լինելը։ Հայաստանում Արշակունյաց տիրապետությամբ մեր երկրում նրանց կրոնի մուտքը կամ ծավալումը և նրանց աշխարհակալությամբ հունական դիքերի՝ Հայաստան մտնելը հայտնի դարձրեց, որ նարնց պաշտամունքը նորություն էր։ Եվ թեպետ դրանցից յուրաքանչյուրին էլ տրվել են հայկական անուններ, բայց դա այդ դիքերի բնավորության մի տեսակ թարգմանություն է կամ հարմարեցված է հայերի մեջ իբրև քաջ կամ վեհազն համբավված անձերին, որոնք այդ եկամուտ կուռքերի պատճառով աստվածացվեցին։ Հայաստանում բնիկ կամ ավելի աստվածակերպ են երևում Աստղիկն ու Վահագնը։ Վերջին էլ, ինչպես իր տեղում ասել ենք, պաշտվեց նախ Վրաստանում։ Եվ նույն ինքը՝ Անահիտը, որ համարվում էր Հայոց աշխարհի տիկինը և խնամակալը, նույն անվամբ նախ պաշտվել էր մարերի ու պարսիկների մեջ։ Եվ Արամազդն ինքը հայտնի է իր պարսկական կամ զանդիկ անվամբ (Որմիզդ)։ Այսքանը հիշատակելով՝ ավելորդ ենք համարում մյուս դիքերի ծագումն ու պաշտամունքը կրկնաբանել։ Երկրորդը՝ վերը ասածիս հետևանքը այն է, որ հայերի մեջ նախկինում դյուցազունների պաշտամունքը կամ պատիվը ավելին էր, քան դիքերինը։ Բայց թող հակասություն չկարծվի <i>դյուցազուն</i> ասելով դիք ենթադրելը։ Այս բառը <i>քաջ</i>֊ի փոխարեն, հետևելով սովորությանը, ասում ենք և այնպիսի անձերի, ում ժողովուրդը համարում էր գերագույն մարդ և իր ու Աստծու կամ աստվածների միջև՝ նրանց ընդունելուց հետո։ Եվ ապա, երրորդ՝ ճշմարիտ աստվածապաշտությունից հետո երկար ժամանակ Հայաստանում ընդհանուր կրոն էր աղթարական աղանդներով մի տարտամ տարրապաշտություն, որ ինչ֊ինչ կերպով ավելի տևական է եղել և առ այսօր թողել է իր հետքն ու շոշորդը, ինչը հայտնի է դառնում հմայությունների մասին գրվածից։ Սրա վրա էլ ավելացել է մոգությունը՝ թե՛ քաղդեական կերպով՝ աստղագիտությամբ, և թե՛ զրադաշտական օրենքով, որին տեղ֊տեղ հաջորդել է կրակապաշտությունը։  Հայաստանի միջակա դիրքը և նրա ժողովրդի օտարամուտ ու հանրասփյուռ բարքը այս երեք տեսակ աղանդները ընդունել են երեք կողմից․ արևմուտքից՝ փռյուգիացիներից (որտեղից էլ հետագայում՝ կուռքերը)՝ հմայությունը, հարավից՝ քավդեությունը, արևելքից՝ պարսից աղանդն ու կրակը։ Երեքից էլ վերցրել են նրանց պաշտամունքի բառերը, ինչպես բացատրել եմ յուրաքանչյուր հավատքի ու պաշտելիների վերաբերյալ գրածս ժամանակ։ Իսկ ի՞նչ են ընդունել հայերը չորրորդ կողմից՝ հյուսիսից։ Այդ կողմը նրանցից բաժանված ու պատած էր բնական կամ աստվածագործ մի մեծ պարիսպով, որ Կովկասյան լեռների կապակցված պարն է։ Սակայն այն էլ ուներ իր մի քանի պահակներն ու անցքերը։ Բայց երկրեերկիր անցնելու համար գաղափարները դրանց կարոտ չեն և ոչ էլ արգելք են լեռներն ու սառնամանիքը։ Հայոց ոտքը, եթե բոլոր ճամփաները չէ, որ բացել է, գոնե ոտնակոխ արել է։ Կարող ենք ասել, թե ծանոթություն ենք ունեցել ամեն ազգի լեզվին, կրոնին, կրոնական ինչ֊որ բան առել են։ Հին ժամանակներում հյուսիսաբնակներին կոչում էին <i>սկյութացի</i> ընդհանուր անունով, որի պարզագույն տարրը <i>սակ</i>֊ն է։ Պատմության մեջ շատ անգամ ու շատ տեղերում է հիշատակվել սակեր կամ շակեր մի առանձին ցեղ։ Թվում է, թե Հայաստանի Շակաշեն գավառի անվանումը մնացել է նրանցից, որովհետև ծանոթ ու հռչակված է սակերի արշավելը արևմտյան Ասիա՝ այստեղից անցնելով Փոքր Ասիա Փրկչի թվականից 6 դար առաջ, և նրանց կողմից հալածմամբ են հաստատվել սակայն տոներն ու բարեկենդանը։ Ս․ Եպիփանը հերթվածողներին վերաբերող իր գրքում ջհեղեղից հետո առաջին աղանդը կոչվում է սկյութական մինչ Աբրահամի հոր՝ Թարայի ժամանակը։ Դրանից հետո կարգում է հելլենականը կամ դիցականը։ Այդ հին աղանդը պետք է ընդհանուր համարել և՛ հայերի, և՛ նրանց համանման փռյուգիացիների համար։ Դրա մի նշանն էլ կարող են համարվել նրանց ու մեր լեզուների նույնիմաստ բառերը, ինչպես՝ Պապ, որ նրանց մեծ աստվածն էր, Աբիս կամ Ափիս՝ երկրի չաստվածը․ մեզնում էլ <i>ափ</i>֊ը, որ նշանակում է «ցամաք», գրված կա նաև «հող» կամ «երկիր» նշանակությամբ․ «Տեսի զաստեղս և զլուսին՝ զի կային անկեալ ափի»։ Այդպես էլ Տապիտը կրակի դիցուհի է․ մեզանում <i>տապ</i> բառը նշանակում է «տաքություն», հնդիկների մոտ՝ <i>տապատ</i> բառը, և այլն։ Եթե ստույգ կամ հավանական համարվի հետջրհեղեղյան նահապետների՝ Հայաստանում բնակվելը մինչ լեզուների խառնվելը և բաժանվելը, ս․ Եպիփանի սկյութական աղանդի կենտրոնն էլ կլինի Հայաստանում։ Եվ հայկական ու սակայն անունների մեջ էլ մեծ տարբերություն չկա, եթե հիշենք <i>հ</i> և <i>ս</i> տառերի լծորդությունը, Հայկ և հայ անունների տարրը, շատ անգամ <i>հայ</i>֊ի փոխարեն <i>հա</i> գչվե;ւ ր վրացիների՝ մեզ <i>հաոս</i> կոչելը կամ գրելը։ Այսպիսի բաները թողնելով բանասերներին՝ ասենք, որ կարևոր ընդունելիք թվացող հետևյալներ են՝ սակայն կրոնի հնությունը, փռյուգիացիների էլ նմանությունն ու հնությունը (որոնցից շատ բան առան հույները), հայերի էլ շատ անգամ հիշատակված ազգակցությունը փռյուգիացիների հետ (որոնց նահապետները՝ Գոմերը և Ասքանազը, վկայում են որպես նույնը) և մեր ու այս ազգերի լեզվի, զգեստի, հին կրոնի նմանությունը։ Հուսանք, որ լեզվաբանական, կրոնաբանական, աշխարհագրական կամ ազգաբանական հետազոտությունները ավելի կպարզաբանեն դրանք։ =Վերջաբան= Մի վերջին անգամ հայացք գցելով մեր երկրի դիրքին և այն չորս կողմից պատած այլալեզու և այլակրոն ազգերին՝ տեսնում ենք, որ զարմանք չի պատճառում Հայաստանի լեզուների ու կրոնների մի բնական խառնարան լինելը, և հայ ազգի բարքի ու բերմունքի քննությունն էլ ցույց է տալիս, որ գրեթե հարկ է, որ այդպես լիներ։ Եվ եթե բավական նյութեղեն հիշատակարաններ չկան կամ չեն երևում, և ոչ իսկ՝ ազգային գրավոր ավանդություններ, կարող ենք քիչ չհամարվել օտարների, մանավանդ հույների արած հիշատակումները։ Մեր կողմից էլ կա ազգային լեզվի ընդարձակ ասպարեզը կամ բովը, որ դեռ անսպառ է և ոչ բավականաչափ կամ ոչ արվեստագիտական հմտությամբ է փորված։ Այս ամենից հետո հարկ է հիշել, թե այսքան այլևայլ ծագումով կրոններն ընդունող և պահող ազգը, որ և իր կարծիքում համառություն ունի օտարներին հեշտորեն հարելով հանդերձ, ինչպես թողեց այս ամենը, անհետ արեց ու ոչ մի կամ գրեթե ոչ մի գրավոր կամ նյութական մնացորդ չթողեց իր հեթանոսական գրվածքներից և քանդակներից, կուռքերից, սպասքից և այլն։ Վերջիններիս վերաբերյալ կարող ենք ասել, թե երկրի ծոցը դեռ բավական հետազոտված չէ, գրվածքների վերաբերյալ էլ՝ թե շատ չէին և կամովին էլ ջնջվել են։ Միաժամանակ հին հավատքի և կրոնի հետ կատարվածի մասին էլ (մի կողմ թողնելով աղթարականից մնացած հետքը) հարկավոր ենք համարում խոստովանել, որ հրաշալի կերպով է եղել այս բանը, առանց որի՝ բազմամիլիոն մի ազգի համար առհասարակ անհնար կլիներ թողնել իր նախնիների պաշտամունքն ու պաշտելիներին և ընդունել քրիստոնեությունը։ Եվ արդեն իսկ մշտնջենավոր հրաշք է, որ <i>արիական</i> կոչված (հայ) ազգը իր ցեղակիցների մեջ մեն֊մենակն է բոլորովին քրիստոնյա, մինչդեռ մյուսները կամ պահել են իրենց հին դիցաբանությունը և դեռ իրենց կրակն են վառում ու պատվի արժանացնում, կամ ընդունել են իսլամը։ Շատ ազգերի մեջ քրիստոնեւոթյունը մտել է փոքր առ փոքր, նույնը և հայերիս մեջ՝ առաքյալների և առաքեալաշավիղ հայերի քարոզության սկզբում։ Եվ միշտ մնացել են Բարդուղիմեոսի ու Թադեոսի սերմանած հատիկը և վառած լույսը, բայց նվաղ, սակավ և ծածուկ, ինչպես վկայում են նրանց աշակերտների նահատակությունները Գողթնում ու Սյունիքում (Ոսկյանց, Սուքիասեանց, Սանդուխտի, Թեոդորոս Սալահունու, Արարատյան վկաների, հայոց եպիսկոպոս կամ եպիսկոպոսապետ Մերուժանի և այլոց)։ Բայց սրանք, եթե կարելի է այդպես ասել, աստվածային ընդհանրական սքանչելիքներ էին, ինչպես որ այլ ազգերի մեջ, իսկ Տրդատի՝ հայոց այն գոռ ու գոռոզ և ամեն առումով հսկա տիրակալի ժամանակ մարդկանց միտքն էլ կարծես պահանջում էր, որ Աստված էլ գերագույն զորությունը հայտնի դարձներ ու նրանով նախ նվաճեր այդ սեգ թագավորին, «որ այնչափ երեւելի եղեալ քաջութեամբք առաւելոյր ի մարտս պատերազմացն․ նա եւ յուղումպիադսն Յունաց՝ հսկազօր երեւեալ․․․ որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, ցամաքեցոյց իսկ ի սիգալ իւրում զյորձանս ծովուց», և ապա Տրդատի հզոր բազկով ու կենդանահրաշ Լուսավորիչի փափուկ ձեռքերի առակցությամբ՝ նրա բիրտ ու հնապաշտ հպատակների բազմությանը։ Երկու բարք ու բռնություն միախառն կատարեցին հայոց դարձը հին հեթանոսական հավատքից Քրիստոսի նոր և բուն և ճշմարիտ հավատքին, որը շուտափույթ ընդունելու հարկ և առիթ եղան այն սքանչելիքները, որոնք պատմում է Ագաթանգեղոսը, և որոնք, ինչպես էլ քննության ենթարկվեն, ամփոփվեն ու մենկաբանվեն, չեն կարող առանց հրաշքի սոսկ երևալ ու խախտել հայերի 1600 տարվա հաստատուն ու եռանդուն ավանդությունը, ինչը այնքա՜ն այլակրոնների և հալածանքների մեջ (բացառությամբ մի քանի ուրացող վատերի) սիրով և պարծանքով պահեցին և պահում են և, հույս ունեմ, պիտի պահեն՝ շնորհիվ առհասարակ մարդկության համար հավիտենական լույս ծագեցնող ամենափրկիչ Քրիստոսի և հատկապես հայոց Լուսավորիչ ս․ Գրիգորի աղոթքով։ Սրան՝ սեր և պատիվ, Նրան՝ փառք և գոհություն, և ինձ՝ ուրախություն, որ այսպիսի հիշատակով քավում եմ գրչիս՝ այսպիսի խափանված ու խափանելի նյութի մասին գրելը։ Ուրա՜խ եղիր, հոգի՛ քրիստոնեության, քանզի խավարը մերժվեց, և օրը բացվեց։ Եվ միշտ և հանապազ թող լուսատու լինի քեզ Քրիստոսը, որին մյուս անգամ, բյուր անգամ և միշտ՝ փառք, այժմ և հավիտյան։ = Ծանոթագրություններ =
<references>