Changes
Մայրը
,::Վարագույրը իջնում է հրանոթների որոտի տակ։
::::::::::<b>Գործողություն երրորդ</b>
Նույն սենյակը, միայն բոլոր զենքերը վերցված են պատերից․ հենարանից անհետացել են հրացանները։
Մայր (պատից իջեցնում է վերջին զույգ ատրճանակը, փակում է գրասեղանի դարակում ու բանալին վերցնում)։ Այսպես։ Չեմ ուզում, որ ամեն տեղ Տոնիի աչքի առաջ զենք լինի։ (Աչք է ածում սենյակին։) Չեմ ուզում։ (Մոտենում է պատուհաններին ու փեղկերը փակում։) Թող փողոց էլ չնայի։ (Մոտենում է դռանը և անջատիչը դարձնում։ Ջահը վառվում է։) Կարծես բոլո՞րն է․․․ (Մոտենում է ռադիոընդունիչին։) Դու, դու հիմա կլռես։ Տոնին չպետք է իմանա, թե աշխարհում ինչ է կատարվում։ (Մտախոհ կանգնում է ռադիոընդունիչի կողքին։) Իսկ ինձ, ինձ այդ բանը հարկավոր չէ։ Ես այլևս ոչինչ չեմ ուզում լսել։ Ինձ այլևս ոչինչ չի հուզում։ (Նորից մտքերի մեջ է ընկնում։) Այ տեսնում ես, ստիպված ես լռել։ Իսկ դու, երևի, կուզեիր խոսե՞լ։ Կուզենայիր Տոնիի գլուխը պտտե՞լ։ Ոչ, ոչ, այլևս դու չես բղավի այստեղ։ Քո նորությունները հաղորդիր որտեղ կուզես, միայն ոչ այստեղ։ Միայն ոչ այստեղ։ Այստեղ ես եմ։ Դու այլևս ոչինչ չես լցնի իմ Տոնիի գլուխը․․․ Դե, ի՞նչ կասես դրան։ (Միացնում է ռադիոընդունիչը։) Հը՞․․․
Կանացի ձայն ռադիոյով (Կրքոտ֊համոզիչ)։ Դա հանցագործություն է։ Հանցավոր կերպով խախտված են մարդկային բոլոր իրավունքները, ոտնակոխ եմ արված բոլոր համաձայնությունները, կատարվել է ամենակոպիտ բռնություն։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Առանց պատերազմ հայտարարելու, առանց որևէ առիթի, առանց նախազգուշացման մի խոսքի օտարերկրյա բանակը ներխուժել է մեր երկիրը։ Առանց նախազգուշացման մի խոսքի, առանց որևէ առիթի, առանց պատերազմ հայտարարելու օտար պետության հրանոթներն ու ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել մեր քաղաքները։ Թշնամին սպասեց, մինչև որ մեր ժողովուրդը ինքն իրեն կթուլացնի քաղաքացիական դաժան կռիվներում, և այժմ, կարգը վերականգնելու պատրվակով, ներխուժել է մեր տերիտորիան։ Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Ինտերվենցիայի ի՞նչ պատճառ ունի։ Ոչ մի պատճառ և ոչ մի իրավունք։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ լսեցե՛ք, լսեցե՛ք։ Կատարվել է ոճրագործություն, չլսված ոճրագործություն։ We call the world: hear, herar, it is an outrage, it is an awful crime! Wir rufen die ganze Welt: es wurce ein schreckliches Vebrechen begangen.<ref>Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին․ լսեցե՛ք, լսեցե՛ք, կատարվում է կոպիտ բռնություն, կատարվում է ահավոր ոճրագործություն։ (անգլ․)։ Մենք կոչ ենք անում ողջ մարդկությանը, տեսեք, ի՜նչ ոճրագործություն է (ֆրանս․)։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Կատարված է ահավոր աճրագործություն։ (գերմ․)։</ref> Մեր ժողովրդին, մեր դժբախտ, տանջահար ժողովրդին բնաջնջում են, ինչպես վայրի գազաններին։
Մայր (անջատում է ռադիոն)։ Ի՞նչ ես ինձ վրա բղավում։ Չեմ ուզում քեզ լսել։ Ոճրագործություն, ոճրագործություն։ Իսկ ոճրագործություն չէ՞ր, երբ իմ Պետրին գնդակահարեցին։ Ոճրագործություն չէ՞ր, երբ իմ Կորնելը զոհվեց։ Իմ Պետրը։ Եվ դու ուզում ես ինձ պատմել ոճրագործության մասին։ Ես ավելի լավ գիտեմ, թե ինչ է ոճրագործությունը․ ես ամենից շատ եմ տուժել դրանից․ ես, մայրս։ Այո, դու իմ տղաներին չգիտեիր, եթե միայն տեսնեիր, թե նրանք ինչպե՜ս էին տունը լցնում․․․ Կարող ես աշխարհով մեկ աղաղակել։ Ես էլ աղաղակեցի, և կարծում ես՝ որևէ մեկը արձագանքե՞ց։ (Նորից է միացնում ռադիոն։)
Կանացի ձայն ռադիոյով։ Մենք ինքներս, ինքներս պետք է մեզ օգնենք։ Կպաշտպանվենք մինչև արյան վերջին կաթիլը։ Մեր մարմիններից ու սրտերից անհաղթահարելի պատնեշ կկանգնենք։ Թշնամու դեմ շարժվող մեր զորքերը կռվում են՝ անօրինակ խիզախությամբ, բայց նրանք չեն կարող դիմադրել, եթե օգնական ուժեր չստանան։ Մենք կոչ ենք անում բոլոր տղամարդկանց․ դուք պետք է լինեք այնտեղ, որտեղ նրանք են։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մենք դիմում ենք առանց բացառաության բոլոր տղամարդկանց։ Մեր երկրի տղամարդիկ, մենք կոչ ենք անում ձեզ․ բոլորդ, բոլորդ զենք վերցրեք։ Մեր երկրի կանայք, մենք կոչ ենք անում ձեզ․ բոլորդ անցեք աշխատանքի, գրավեք ձեր ամուսինների ու որդիների տեղերը, որոնց կճամփեք դրոշների ներքո։
Մայր (անջատում է ռադիոն)։ Ոչ, ոչ։ Դատարկ խոսակցություն է։ Ես ոչ ոքի չեմ կարող ճամփել, ես այլևս ոչ ոք չունեմ։ Տոնին հաշիվ չի։ Տոնին դեռ երեխա է։ Չկա այնպիսի օրենք, որ երեխաները պատերազմ գնան։ Այդ անմտություն է։ Եվ հետո, ի՞նչ ես ուրիշի ամուսիններին ու որդիներին ճամփում դրոշների ներքո։ Նրանք քո որդիները չե՞ն։ Դե, ուրեմն, լսիր։ Դու որդի ունե՞ս։ Ոչ։ Այ տեսնում ես։ Այն ժամանակ ուրիշ լեզվով կխոսեիր։ (Միացնում է ռադիոն։)
Կանացի ձայն ռադիոյով։ Արդեն ոչ թե մարդու ձայնը, այլ ինքը հայրենիքն է կոչում ձեզ։ Ես, ձեր հայրենիքը, կոչում եմ բոլոր տղամարդկանց։ Ես, մայր֊հայրենիքս, աղաչում եմ իմ զավակներին՝ պաշտպանեցե՛ք ինձ, զավակներս․․․
Մայր (անջատում է ռադիոն)։ Ոչ, դու մայր չես։ Մայրը ես եմ, ես, հասկանո՞ւմ ես։ Դու ի՞նչ իրավունք ունես երեխաներիս վրա։ Եթե դու մայր լինեիր, նրանց պատերազմ չէիր ուղարկի։ Դու նրանց կթաքցնեիր, ինչպես ես, կողպեքի տակ կփակեիր, ինչպես ես, և կբղավեիր՝ չե՛մ տա․․․ Ես արդեն տալու բան չունեմ, այդպես էլ իմացիր։ Այստեղ այլևս ոչ ոք չկա։ Մնացել եմ միայն ես՝ պառավ, հիմար մի կին։ Ես արդեն բոլոր որդիներիս տվել եմ։ Էլ չունեմ, չունեմ․․․
:::::Դռների մեջ երևում է Տոնին։
Տոնի։ Մայրիկ․․․
Մայր (շուռ է գալիս)։ Ի՞նչ ես ուզում։ (Բղավում է սարսափով։) Տոնի, դու է՞լ․․․ (Նետվում է դեպի նա, բոլոր կողմերից շոշափում նրան։) Չէ, փառք աստծու, այս դու ես, դու։ Դու ողջ ես, այնպես չէ՞․․․ Ինչպես՜ս վախեցրիր ինձ։ Եվ ի՞նչ ես փնտրում այստեղ, Տոնի։ Դու հո գիտես՝ ես չեմ ուզում, որ դու․․․ որ դու այստեղ լսես․․․ այդ կնոջը։ Չեմ ուզում, Տոնի։
Տոնի։ Բայց, մայրիկ, նա այնպիսի․․․ գեղեցիկ ու սարսափելի ձայն ունի։ Գիտես, այնպես կենդանի եմ պատկերացնում նրան․ բարձրահասակ, գունատ․․․ մեծ֊մեծ աչքերով․․․
Մայր։ Կարիք չկա նրան մասին մտածել։
Տոնի։ Բայց նա կանչում է ինձ։
Մայր։ Դա քեզ չի վերաբերում, Տոնի։ Թող ինչ ուզում է՝ խոսի։ Եվ այլևս այստեղ չգաս, տղաս։ Ես այս սենյակը բանալիով փակելու եմ։
Տոնի։ Ինչո՞ւ։
Մայր (նստում է)։ Հենց այնպես, կփակեմ․․․ Ես այստեղ զանազան մթերքներ կպահեմ։ Ախր եթե հիմա պատերազմ սկսվի, փոքրիկս, ես պետք է քեզ մի բանով կերակրեմ։ Դե, միևնույն է, այս սենյակը հարկավոր չէ․․․ Լավ է, որ ես մտածել եմ մթերքների մասին․․․ Իսկ մենք քեզ հետ կապրենք ներքևում, նկուղում։ Որպեսզի ոչ ոք մեզ չտեսնի։ Որպեսզի տունը մեռածի պես լինի։
Տոնի։ Բայց, մայրիկ․․․
Մայր։ Սպասիր, Տոնի, մի ընդհատիր։ Մի վախենա, ես քեզ լավ կթաքցնեմ, ոչ ոք չի իմանա, որ դու տանն ես։ Միայն ոչ մի տեղ դուրս չգաս։ Մի կերպ դիմացիր․․․ Միասին կդիմանանք, մինչև որ այս ամենը վերջանա։ Դու չես էլ իմանա, թե ինչ֊որ տեղ պատերազմ է։ Դա քեզ չի վերաբերում, հասկանո՞ւմ ես։ Դու դրա համար դեռ շատ ջահել ես։ Մենք կփակվենք նկուղում, ինչպես մկներ, դու այնտեղ կկարդաս քո գրքերը․․․ ու կհիշես, թե արևն ինչպես է լուսավորում։ Դե ասա, ի՞նչ վատ է։
Տոնի։ Մայրիկ, խնդրում եմ․․․ Խնդրում եմ քեզ, մայրիկ, բաց թող ինձ։
Մայր։ Ի՞նչ քամի է փչում խելքիդ։ Էլ այդ մասին չենք խոսում, տղաս։
Տանի։ Մայրիկ, խնդրում եմ, բաց թող ինձ, բաց թող։ Ես ուզում եմ կամավոր գնալ։ Ես այստեղ չեմ կարող մնալ․․․
Մայր։ Մի գժվիր, Տոնի։ Քեզ չեն էլ վերցնի։ Դու դեռ տասնութ չկաս․․․
Տոնի։ Մայրիկ, հիմա այդ նշանակություն չունի։ Այ, կտեսնես, բոլորը կգնան։ Մեր դպրոցի ամբողջ ավագ դասարանը կամավոր կգրվի։ Խնդրում եմ, մայրիկ, դու պետք է ինձ բաց թողնես։
Մայր։ Այդ անմտություն է, հիմարիկ։ Ո՞ւմ ես հարկավոր դու այնտեղ։
Տոնի։ Իզուր ես այդպես մտածում, մայրիկ։ Ես նույնպիսի լավ զինվոր կլինեմ, ինչպես մեր դպրոցի ուզածդ տղան։ Ես արդեն խոսք եմ տվել․․․
Մայր։ Ո՞ւմ։
Տոնի։ Իմ դպրոցական ընկերներին, մայրիկ։
Մայր։ Տոնի, ինձ թվում է, որ այդ ավելի շատ վերաբերում է քո մորը, քան քո ընկերներին։
Տոնի։ Ներիր, մայրիկ, բայց եթե բոլորը գնան․․․
Մայր։ Ապա դու չպիտի գնաս, փոքրիկս։ Դու կմնաս տանը։
Տոնի։ Բայց ինչո՞ւ հենց հատկապես ես չպիտի գնամ։
Մայր։ Որովհետև դրա համար անհրաժեշտ բնավորություն չունես։ Որովհետև դու շատ թույլ ես զինվորական ծառայության համար։ Եվ որովհետև ես չեմ ուզում, տղաս։ Բավակա՞ն է։
Տոնի։ Մայրիկ, դու մի բարկանա, բայց․․․ ինքդ դատիր․ ախր իսկապես ամեն ինչ կարող է կործանվել․․․ հայրենիքը․․․ և ժողովուրդը․․․
Մայր։ Ուրեմն, դու պատրաստվում ես ժողովրդին փրկելո՞ւ։ Առանց քեզ ոչ մի կերպ գլուխ չե՞ն հանի։ Վախենամ, բարեկամս, որ դա քո ուժերից վեր լինի։
Տոնի։ Եթե բոլոր մայրերն այդպես մտածեին․․․
Մայր։ Ապա ես բոլորովին էլ չէի զարմանա։ Դու կարծում ես, թե որևէ մայր կարող է համաձայնել, որ նրա բոլոր երեխաներին իրար ետևից վերցնե՞ն։ Եթե նա հաշտվեր դրա հետ, մայր չէր լինի։
Տոնի։ Բայց երբ այսպիսի ահավոր պատերազմ է գնում, մայրիկ․․․
Մայր։ Ես այստեղ մեղք չունեմ, Տոնի։ Ոչ մի մայր մեղք չունի։ Մենք, մայրերս, երբեք որևէ պատերազմ չենք վարել, տղաս։ Դրանց համար մենք միայն վճարել ենք մեր երեխաներով։ Բայց ես արդեն այնքան էլ հիմար չեմ, որ տամ վերջին զավակիս։ Թող յոլա գնան առանց ինձ։ Ես այլևս ոչինչ չեմ տա։ Չեմ տա քեզ, Տո՛նի։
Տոնի։ Դու միայն մի բարկանա, մայրիկ, բայց․․․ ես պարտավոր եմ։ Կա պարզապես հրաման։ Բոլոր տղամարդիկ պարտավոր են ներկայանալ․․․
Մայր։ Դու տղամարդ չես, Տոնի։ Դու իմ զավակն ես։ Հերիք է միայն աչքերս փակեմ, և գիտե՞ս ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ փոքրիկ մի երեխայի, որ նստել է հատակին, ինչ֊որ բլբլացնում է ու խաղալիքը տանում բերանը։ Չի կարելի, Տոնի, չի կարելի։ Հանիր բերանիցդ զինվորիկին։
Տոնի։ Ես արդեն երեխա չեմ, մայրիկ։
Մայր։ Երեխա չե՞ս։ Հապա մի մոտ արի տեսնեմ։ Ուրեմն, դու ոզում ես պատերա՞զմ գնալ։ Տոնի, ես իսկապես ունեի չափահաս մի տղա, բայց նա ինձ խոստացավ․․․ ինչ֊որ ուրիշ բան, հիշո՞ւմ ես։ Ես ունեի մի որդի, որին սովորեցրի ․․․ ատել պատերազմը։ Նա ասում էր․ «Մայրիկ, երբ մենք մեծանանք, այլևս պատերազմներ չեն լինի։ Մենք չենք ուզում կռվել, մենք իրար չենք սպանի, մենք թույլ չենք տա, որ մեզ քշեն կոտորվելու։ Ես պարզապես չեմ հասկանում, մայրիկ, թե ինչպես կարելի է մարդու վրա զենք բարձրացնել․․․» Հիշո՞ւմ ես, Տոնի։
Տոնի։ Այո, մայրիկ, բայց․․․ հիմա խնդիրը բոլորովին այլ է։ Հիմա խոսքը վերաբերում է պաշտպանությանը։
Մայր։ Եվ դու կարող էիր որևէ մեկին սպանե՞լ։
Տոնի։ Այո, մայրիկ։ Այսինքն, ուզում եմ ասել․․․ եթե անհրաժեշտ է․․․
Մայր։ Եվ դու կգնայիր սիրո՞վ։
Տոնի։ Մեծագույն սիրով, մայրիկ։
Մայր։ Այ, տեսնում ես, Տոնի։ Տեսնում ես։ Ուրեմն, տղաս, դու էլ դուրս պրծար իմ ձեռքից։ Հիմա այլևս քեզ էլ չեմ կարող հասկանալ։ Ինչպե՞ս եղավ, որ դու այդպես փոխվեցիր, փոքրիկս։
Տոնի։ Մայրիկ, դու արտասվո՞ւմ ես։ Դու․․․ դու, նշանակում է, բա՞ց կթողնես ինձ։
Մայր։ Ոչ, Տոնի։ Ես պառավ․․․ ու կամակոր կին եմ։ Ես իմ որդուն չեմ տա մի գործի համար․․․ որը անիծել եմ։ Ձեր պատերազմներն ինձ վրա շատ թանկ են նստել, տղաս։ Դու չես գնա։ Ես քեզ չեմ թողնի։
Տոնի։ Մայրիկ, դու այդ չես անի։ Ես քեզանից կփախչեմ, այ կտեսնես։ Կփախչեմ, կփախչեմ։
Մայր (վեր է կենում)։ Այդպե՞ս։ Հապա, ինձ նայիր, Տոնի։ Նայիր ինձ։
Տոնի։ Մայրիկ, ես այնպես եմ խնդրում քեզ․․․
Մայր։ Եվ դու ինձ կթողնեիր մենա՞կ։ Եվ չէիր մտածի, թե ինչ կպատահի ի՞նձ։ Մի՞թե ես կարող եմ ապրել, եթե դու գնաս։ Ոչ, դու այդ չես անի, Տոնի։ Ախր ես այլևս ոչ ոք չունեմ։
Տոնի։ Դե, ինձ ոչինչ չի պատահի, մայրիկ, հավատացնում եմ քեզ։ Խոստանում եմ, ես զգում եմ այդ, հաստատ գիտեմ․․․ Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ինձ կարող է բան պատահել։
Մայր։ Այո, դու այդ չես կարող պատկերացնել․․․ Բայց ես կարող եմ, Տոնի։ Ես կարող եմ։ Դուք բոլորդ, բոլորդ առանց բացառության տնից դուրս եք եկել, ասես զբոսանքի գնալու համար․ «Դու միայն մի անհանգստանա, մայրիկ։ Աչքդ փակես֊բանաս, մենք տանը կլինենք»։ Ես ամեն ինչ գիտեմ, բարեկամս։ Ինձ չես կարող խաբել․․․
Տոնի։ Բոլորովին էլ չեմ ուզում քեզ խաբել, մայրիկ։ Ես գիտեմ որ․․․ կարող եմ սպանվել։ Նույնիսկ պարզ պատկերացնում եմ այդ տեսարանը․․․ Այն պահից, ինչ ես որոշեցի գնալ, արդեն․․․ այնքան անգամ եմ մեռել․․․ այսինքն, իհարկե, միայն երևակայությամբ, բայց ես այդ տեսել եմ այնքան վառ կերպով․․․ Կամ, օրինակ, տեսում եմ՝ պառկած են մեր դպրոցի տղաները․․․ ասես բոլորն էլ սպանված են, հասկանո՞ւմ ես։ Պառկած են ամբողջ կույտով, իսկ ամեն մեկի մատները դեռևս թանաքոտ են․․․ Բայց այդ միևնույն է։ Այդ ինձ բնավ չի վախեցնում։ Ես ոչ մի վախ չեմ զգում։ Եվ դա ապացույց է, որ իսկապես պետք է գնամ։ Ես պատկերացնել իսկ չեմ կարող, թե ինչպես կարող էի չգնալ․․․ Մենք որոշել ենք, որ դա ուղղակի պարտք է․․․ Մեր ընդհանուր պարտքը։
Մայր։ Իսկ գիտե՞ս որն է քո անձնական պարտքը։ Այն, որ մնաս ինձ հետ։ Դու պետք ես ինձ․․․ հայրիկիդ․․․ և եղբայրներիդ։ Դուք պարտավոր եք մեկնումեկին թողնել ինձ։ Ես էլ․․․ ինչ֊որ իրավունքներ ունեմ, երեխաներ։
Տոնի։ Գիտեմ, մայրիկ, բայց գոյություն ունի վսեմ պարտք․․․
Մայր։ Վսեմ, վսեմ․․․ Դե հա, սիրելիս, տեսնում եմ, որ ես քեզ համար արդեն ոչինչ չեմ նշանակում։ Վերջիվերջո, դուք երբեք ինձ հետ որևէ գործ չեք ունեցել։ Ես լավ գիտեմ ձեր տղամարդկային վսեմ պարտականությունները․․․ բայց որ ես էլ տարվեմ դրանով այնպես, ինչպես դուք, ― ոչ ոք չի կարող ինձանից այդ բանը պահանջել։ Դրա համար ես շատ ու շատ ծեր եմ, Տոնի։ Ես արդեն մի քանի հազար տարեկան եմ, տղաս, մի քանի հազար տարեկան․․․
Տոնի։ Մայրիկ, եթե դու ինձ չթողնես, ես, ես․․․
Մայր։ Ես ի՞նչ։ Կդադարե՞ս ինձ սիրել։ Կսկսես ատե՞լ։ Կարհամարե՞ս ինձ ու քեզ, կսկսես պատեպա՞տ զարկվել․․․ Այդ բոլորը գիտեմ, Տոնի։ Դե ինչ, մի սիրիր, փոքրիկս, միայն եղիր ինձ հետ։ Իսկ երբ այս պատերազմը վերջանա, ինքդ կասես․ «Դու իրավացի էիր, մայրիկ, կյանքի համար նույնպես տղամարդիկ են հարկավոր»։ (Ձեռքը դնում է նրա ուսին։) Տոնի, ուրեմն ինչպե՞ս։
Տոնի (ետ է քաշվում)։ Մայրիկ, խնդրում եմ, մի պահիր ինձ․․․
Մայր։ Լավ, տղաս, կարող ես ինձ ատել։ Ես այնքան հաստատակամություն կունենամ․․․ որ այդ էլ կտանեմ։ Վերջիվերջո, սերն էլ դաժան է ու չար, սիրելիս։ Ես ինքս իմ աչքում նման եմ մայր գայլի։ Աշխարհում ոչ ոք ընդունակ չէ, այնպիսի խելահեղությունների, ինչպես մայրը․․․ Դե ինչ, եթե դու, այնուամենայնիվ ուզում ես գնալ, գնա, Տոնի, բայց հիշիր՝ դու ինձ սպանում ես։ Դե՞, ինչո՞ւ չես գնում։
Տոնի։ Խնդրում եմ, մայրիկ, մի բարկանա ինձ վրա, ես այդ չեմ կարողանում բացատրել քեզ, բայց թույլ տուր նրան՝ (ցույց է տալիս ռադիոընդունիչը) հայրենիքին․․․ և կտեսնես․․․ ինքդ կտեսնես, որ պետք է գնամ, ինչպես բոլորը․․․
Մայր։ Ոչինչ չեմ տեսնի, Տոնի։ Մի՞թե չգիտես, որ ես, լաց լինելով աչքերս կուրացրել եմ։ Եվ հետո, ի՞նչ պիտի տեսնի պառավ մայրը։ Ես միշտ տեսել եմ միայն ձեզ, երեխաներիդ, ձեզ, շապկանց տկլորներիդ։ Միգուցե, այնպես էլ երբեք չվարժվեմ, որ դուք արդեն չափահաս մարդիկ եք։ Մոտ արի, տղաս, թող մի նայեմ քեզ վրա։ Ինչքա՜ն ես մեծացել։ Այո, Տոնի, դու արդեն պարտավոր ես քեզ պահել․․․ հասուն տղամարդու նման։
Տոնի։ Այո, մայրիկ։ Պարտավոր եմ։
Մայր։ Այ, տեսնում ես։ Ուրեմն, դու չես կարող պառավ, խելքը կորցրած հիվանդ մորդ լքել, որ նա տանջվի այստեղ մեն֊մենակ։ Գիտե՞ս, ես ինչ կանեի։ Ես կսկսեի վազվզել փողոցներում ու բղավել, որ անիծում եմ պատերազմը, անիծում եմ նրանց, ովքեր ձեզ ուղարկում են կռվելու․․․
Տոնի։ Մայրի՛կ։
Մայր։ Դու ինձ դրան չպիտի հասցնես, Տոնի։ Դու պետք է․․․ սատար լինես ու պաշտպան մորդ․․․ Ես ուրիշ ոչ ոք չունեմ՝ քեզանից բացի։ Ես գիտեմ, որ սա քեզ համար մեծ զոհողություն է․․․ բայց դու իբրև տղամարդ պետք է պատրաստ լինես զոհողության․․․
Տոնի (կծելով շրթունքներն ու արցունքները հազիվ զսպելով։) Մայրիկ, ես․․․ Իհարկե, եթե ես հարկավոր եմ քեզ․․․ այդ դեպքում․․․ այդ դեպքում․․․ իսկապես չգիտեմ․․․
Մայր (համբուրում է նրա ճակատը)։ Այ տեսնում ես։ Ախր ես գիտեի։ Դու դատող ու քաջ տղա ես․․․ Հայրիկը քեզանից գոհ կլիներ։ Գնանք, Տոնի, մենք պետք է նախապատրաստվենք․․․ այս պատերազմին։ (Հենվելով նրա ուսին, դուրս է տանում սենյակից։ Դռան մոտ պտտում է անջատիչը։)
Լիակատար խավար։ Լսելի է, թե մայրն ինչպես է դուռը դրսից փակում ու բանալին հանում անցքից։
Օնդրայի ձայնը։ Խե՜ղճ մայրիկ։
Հոր ձայնը։ Խե՜ղճ մայրիկ։
Կորնելի ձայնը։ Նրա համար դա ողբերգություն է։
Դադար։ Փողոցում լսվում են թմբուկի կոտորակային հարվածներ և անցնող զորքերի խաղաղ ոտնաձայն։
Պետրի ձայնը։ Լսո՞ւմ եք։ Զորքերը։
Իրժիի ձայնը։ Գնում են ճակատ։
Հոր ձայնը։ Փառավոր են գնում։ Մե՛կ֊երկո՛ւ։ Մե՛կ֊երկո՛ւ։
Կորնելի ձայնը։ Հենց այն է՝ ուզում ես նրանց հետ լինել։
Դադար։ Թմբուկի ձայները աստիճանաբար մարում են հեռվում։
Հոր ձայնը։ Միգուցե ռադիոյով ինչ֊որ հաղորդագրություն են տալիս։ Հը՞, Իրժի․․․ Հարկավոր է իմանալ՝ ինչ է կատարվում։
Իրժիի ձայնը։ Այո, հայրիկ։ (Չխկացնում է ռադիոընդունիչի լծակը։)
Տղամարդու ձայն ռադիոյով (խլացված)։ ․․․ մեր արևելյան բանակը շարունակում է նահանջել կատաղի մարտերով․ աջ թևում նա պահում է իր դիրքերը, հենվելով լեռնաշղթային, և համառ դիմադրություն է ցույց տալիս թշնամուն։
Հոր ձայնը։ Միայն թե մեզ չշրջանցեն։
Տղամարդու ձայն ռադիոյով։ Օդային մարտերում, վայր են գցված հակառակորդի տասնյոթ ինքնաթիռներ։ Մեր օդաչուներից ինը չեն վերադարձել։
Հոր ձայնը։ Ինը տասնյոթի դե՞մ։ Վատ չէ։
Տղամարդու ձայն ռադիոյով։ Թշնամին շարունակում է ռմբակոծել մեր անպաշտպան քաղաքները։ Քաղաքացիական բնակչության մեջ սպանվածների թիվը հասնում է ութ հազարի։ Թշնամու ինքնաթիռների հարձակմանը ենթարկված Վիլյամեդիա քաղաքի ճակատագրի մասին առայժմ ավելի մանրամասն տեղեկություններ չեն ստացված։
Հոր ձայնը։ Անջատիր, Իրժի։ Մեկը գալիս է։ (Լծակը նորից է չխկում։)
Լռություն։ Կողպեքի պտտվող բանալու ձայն։ Մութ սենյակ է մտնում Մայրը։
Մայր (ետևից փակում է դուռը, մի քանի քայլ անում ու անշարժանում է տեղում)։ Ես գիտեմ, որ դուք այստեղ եք։ Սողում եք, ոնց ուտիճները հացի վրա․․․ Դե, ի՞նչ եք ուզում ինձանից։
Հոր ձայնը։ Հոգյակս, մենք եկել ենք քեզ մոտ․․․ հենց այնպես․․․
Մայր։ Ինձ մոտ չէ, Ռիխարդ․․․ (Վառում է գրասեղանի լամպը ու շուրջը նայում։)
Սենյակի տարբեր տեղերում նստած կամ կանգնած են Պապը, Հայրը, Օնդրան, Իրժին, Կորնելը և Պետրը։
Կորնել։ Բարի երեկո, մայրիկ։
Մայր։ Տեսնում եմ, որ բոլորդ էլ հավաքվել եք։
Հայր։ Դու չնկատեցիր, թանկագինս, ախր պապիկն էլ է եկել։
Պապ (նստել է բազկաթոռին, հագած հնատարազ, սև, շքանշաններով զարդարված կոստյում։) Բարի երեկո, աղջիկս։
Մայր։ Մեր պապիկն է՞լ է այստեղ։ Հայրիկ, ես այնպես վաղուց է, ինչ քեզ չեմ տեսել։
Պապ։ Այ և տեսար, սիրելիս։ Ես չեմ փոխվել, այնպես չէ՞։
Մայր։ Բոլորովին չես փոխվել։ Իսկ ինչու․․․ (Հայացքը փոխադրում է մեկից մյուսի վրա։) Ինչո՞ւ եք հանկարծ բոլորդ հավաքվել։ Ինչ է, ուզում եք ընտանեկան խորհո՞ւրդ գումարել։
Օնդրա։ Դե չէ, մայրիկ։ Պարզապես ուզում էինք այս ծանր օրերը քեզ հետ լինել։
Մայր։ Իսկ դու չե՞ս խաբում, Օնդրա։ Ես ինչ֊որ չեմ հիշում, որ դուք երբևէ այսպես թանկ գնահատեք իմ ընկերությունը․․․ Ի՞նչ էիք խոսում այստեղ։
Իրժի։ Ոչինչ, մայրիկ։ Վերջին լուրերն էինք լսում։
Մայր։ Տեսե՜ք, տեսե՜ք։ Մի տեսակ դժվար է հավատալ, որ դա կարող է ձեզ հետաքրքրել։
Պետր։ Մե՞զ։ Մեռածների՞ս։ Չէ, մայրիկ, սարսափելի հետաքրքրվում ենք։ Ավելի շատ, քան դու կարծում ես։
Մայր։ Բայց, փառք աստծո, արդեն չեք կարող այդ գործերի մեջ խառնվել։
Հայր։ Ավելի շատ, հոգյակս, քան դու ենթադում ես։ Ավելի շատ, քան թվում է ձեզ, ողջերիդ։ Երբ սկսվում է պատերազմը, մենք, մեռածներս, բարձրանում ենք․․․
Կորնել։ Մայրիկ, մենք բոլորովին էլ այնպես մեռած չենք, ինչպես դու պատկերացնում ես։
Պետր։ Ախր ինչ որ այժմ կատարվում է՝ դրանում մեր ճակատագիրն է։ Եվ մեր գործը։
Մայր։ Այո, գիտեմ ձեր գործը։ Բայց եթե ձեր գործը այդ է, ապա բոլորովին պարծենալու բան չունեք։
Հայր։ Բայց, թանկագինս, ախր պատերազմը դեռ բնավ էլ չի վերջացել։ Այն կարելի է հոյակապ կերպով շահել։ Անհրաժեշտ է միայն բանակը համալրել թարմ ուժերով․․․ Այդ ձախ թևը ինձ շատ է անհանգստացնում։ Լսիր, պառավս, որտե՞ղ ես պահել իմ շտաբային քարտեզները։
Մայր (բացում է գրասեղանի դարակը)։ Ահա բոլորն էլ այստեղ են։ Ասա, խնդրեմ, ինչի՞դ են հարկավոր սրանք։
Հայր։ Ուզում եմ որոշ բաներ նայել։ Շնորհակալություն։ (Քարտեզները դնում է սեղանին։)
Կորնել։ Ամենավատն այն է, հայրիկ, որ մեր կադրային անձնակազմը մինչև վերջին մարդը զոհված է։ Սպաներ քիչ կան։ Այս քաղաքացիական կռիվներում նրանց ճանճերի նման կոտորեցին։ Միայն հիմա ես պատկերացնում, թե ինչ ջարդ էր։
Պետր։ Այդ ջարդը դուք սարքեցիք, Կորնել։
Կորնել։ Ոչ, Պետր, մենք չէ։ Ամեն ինչում մեղավոր եք դուք՝ ձեր անարխիզմով, ձեր կործանանար պացիֆիզմով։
Պետր։ Ոչ, դուք՝ ձեր թնդանոթներով։ Դա շատ ավելի վատ էր։
Կորնել։ Ինչպիսի՜ անմտություն։ Ուրեմն, ի՛նչ, քո կարծիքով, մենք պետք է հանգիստ նայեինք, թե դուք ինչպե՞ս եք այլասերում ժողովրդին։ Խոնարհաբար շնորհակալ եմ, միայն այդ էր պակաս։ Դեռ լավ է, որ թույլ չտվինք քայքայել մեր բանակի կորիզը։
Պետր։ Ոչ, լավ է, որ մենք սովորեցրինք ժողովրդին մարտնչել, առանց երկյուղ կրելու մահից։
Կորնել։ Բայց չսովորեցրիք նրան հնազանդվել։
Պետր։ Այո, նա ձեզ չի հնազանդվի։ Կտեսնես պատերազմից հետո․․․
Կորնել։ Այդ էր պակաս, որ պատերազմից հետո որևէ մեկը զբաղվեր ձեր անմիտ ուտոպիաներով։
Պետր։ Կզբաղվի, սիրելիս։ Հենց այդ ժամանակ էլ կզբաղվի։ Քանի որ ժողովուրդը զենք է վերցրել․․․ Հենց այդ ժամանակ էլ կերևա, թե պատերազմն ինչ օգուտ տվեց։
Կորնել։ Լսիր, Պետր, եթե կա մեկը, որ այս պատերազմում կշահի, ապա դա ազգն է։ Ուժեղ, կարգապահ, ինքնաճանաչման հասած ազգը։ Ուստի ես օրհնում եմ պատերազմը։ Նա վերջ կտա աշխարհի նոր, լավագույն կառուցվածքի մասին եղած այդ հիմար և վնասակար շաղակրատանքին։
Մայր։ Երեխաներ, երեխաներ, դուք էլի՞ վիճում եք։ Ինչպե՞ս չեք ամաչում․ իսկապես, երկուսդ էլ զոհվեցիք դրա պատճառով, և այդ դեռ քիչ է։ Պապիկն ի՞նչ կմտածի ձեր մասին։
Պապ։ Աղջիկս, ես այդ բաներից գլուխ չեմ հանում։ Երևում է, ջահել արյունը․․․
Պետր։ Ներիր, մայրիկ, բայց քանի դեռ ապրում են մեր գաղափարները․․․ քանի դեռ չի հաղթանակել այն գործը, որի համար պայքարել ենք մենք․․․ ապա անկարելի է անտարբեր լինել անգամ մահվանից հետո։
Օնդրա։ Մայրիկ, ախր մենք դեռ շարունակում ենք պայքարը։ Հանուն ճշմարտության, հանուն ժողովրդի, հանուն մարդկության՝ յուրաքանչյուրն իր համոզմունքների համար։ Եվ այժմ, նույնիսկ մեռնելուց հետո, ենթարկվում ենք ամեն ինչ տանուլ տալու ռիսկին։
Հայր (խոնարհված շտաբային քարտեզի վրա)։ Ահա այս գծում, թերևս, հնարավոր լիներ կազմակերպել պաշտպանությունը։ Սիրելիներս, դա կլիներ դասական մաներ․ հաստատապես ամրանալ կենտրոնում և թևում ճեղքել հակառակորդի ճակատը։ Իսկ հետո այդ անբաններին սեղմել ծովին։
Կորնել։ Պետք է մտածել, հայրիկ։ Ճեղքման համար վիթխարի ուժեր կպահանջվեն։
Հայր։ Անշուշտ, բարեկամս, անշուշտ։ Դե, ախր մենք բոլորս էլ կգնանք, այնպես չէ՞։
Մայր։ Բոլորն ովեքե՞ր են, Ռիխարդ։
Հայր։ Դե, հոգյակս, ընդհանրապես բոլորը։ Եվ մենք։ Մենք նույնպես։
Մայր։ Շա՜տ հարկավոր եք դուք այնտեղ։
Օնդրա։ Ավելի շատ, քան դու կարծում ես, մայրիկ։ Ժողովրդին պետք է, որ իր մեռելներն իր հետ գնան։
Մայր։ Հենց դրա համար էլ հարկավոր էր այդքան շատերին նախապատրաստե՞լ։
Պետր։ Գիտես, մայրիկ, այս անգամ խնդիրը վերաբերում է․․․ մեզ։ Եթե այս պատերազմը տանուլ տրվի․․․ ապա դուրս կգա, որ մենք բոլորս իզուր ենք մեր կյանքը զոհաբերել, դուրս կգա, որ ամեն ինչ վերջացած է և ոչինչ չի մնացել մեզանից՝ մեռածներիցս։
Մայր։ Ռիխարդ, երեխաներ, դուք․․․ դուք իսկապե՞ս ուզում եք գնալ․․․
Իրժի։ Պարտավոր ենք, մայրիկ։ Դա մեր պարտականությունն է։ Ախր դու գիտես, որ զինակոչում են բոլորին։ Հայրիկը կգնա իր նախկին գնդի հետ․․․
Պետր։ Ես կուզենայի կամավորների հետ գնալ։
Իրժի։ Իսկ ես․․․ հավանորեն, օդաչուների հետ կլինեմ։
Հայր։ Այ լավ կլիներ՝ Տոնին ընկներ իմ գունդը։
Մայր։ Ռի՛խարդ․․․
Հայր։ Իսկ ի՞նչ կա։ Հոգյակս, դա հիանալի գունդ էր։ Փառաբանված գունդ։ Այդ գունդը միշտ ամենից շատ սպանվածներ էր տալիս։
Մայր։ Ուրեմն, ահա թե ինչու եք հայտնվել այստեղ։ Ես այդպես էլ կարծում էի․․․ Բայց ես Տոնիին ձեզ չեմ տա։ Լսո՞ւմ եք։ Տոնին չի կարող գալ։ Չի կարող։
Հայր։ Եթե այդպես է, շատ ցավալի է․․․ Ես սարսափելի կխղճայի տղային։
Օնդրա։ Մայրիկ, ախր հասկացիր, Տոնին իրեն սարսափելի նվաստացած կզգար, եթե ստիպված լիներ մնալ տանը։ Նա այնպես զգայուն է․․․ Դա խղճի հարց է նրա համար։
Իրժի։ Ինչքան չլինի, մայորի որդի է։ Հայրիկն ընկավ մարտի դաշտում․․․ որպես հերոս։ Մայրիկ, համաձայնիր․ դե, մեր եղբայրն ինչպե՞ս կարող է չներկայանալ զինակոչին։ Դա պատվի հարց է, հասկանո՞ւմ ես։
Կորնել։ Կռիվ է գնում հանուն հայրենիքի, մայրիկ։ Նա պետք է ներկայանա։ Այդ նրա պարտքն է։
Պետր։ Ես էլ եմ խնդրում, մայրիկ։ Դու գիտես, ես միշտ եղել եմ․․․ ու հիմա էլ մնում եմ պատերազմի հակառակորդ։ Սակայն մենք պետք է հակահարված տանք այսպիսի բռնությանը։ Մեր համոզմունքներն այդ են պահանջում։
Մայր (նայում է չորս կողմը, ասես հալածամահ արված)։ Ուրեմն, դուք ուզում եք, որ նա էլ զոհվի։ Եկել եք նրա համար, այո՞։ Ուրեմն, դուք բոլորդ իմ դեմ եք։ Բոլորդ իմ դեմ․․․
Հայր։ Բայց, հոգյակս, այստեղ քո դեմ ոչինչ չկա։
Մայր։ Կա՛։ Եվ ինչե՜ր ասես, որ առաջ չքաշեցիք իմ դեմ։ Պատի՜վ։ Խի՜ղճ։ Սկզբո՜ւնք։ Պա՜րտք։ Վերջապես, այդ բոլո՞րն է։ Այլևս ուրիշ բան չունե՞ք պահած։
Օնդրա։ Մայրիկ, դրանով ինչ ես ուզում ասել։
Մայր։ Դուք մոռացաք նաև ավելացնել․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում, սա տղամարդու գործ է։
Հայր։ Դու իրավացի ես, Դոլորես։ Սա տղամարդու գործ է։
Մայր։ Այդպես․․․ Դե, իսկ գիտեք, նրա հետ․․․ իմ կանացի գործն եմ արել։ Իմ մայրական գործը։ Ռիխարդ, ինչպես երևում է․․․ մենք իրար չենք հասկանա։ Եվ ձեզ հետ էլ, երեխաներ․․․ ես արդեն նույնպես համաձայնության չեմ կարող գալ։ Կարծում եմ, ավելի լավ է վերջ տանք այս խոսակցությունը։
Իրժի։ Բայց, մայրիկ․․․
Մայր։ Հանգիստ թողեք ինձ։ Ու․․․ գնացեք այստեղից։ Ես․․․ ես այլևս չեմ ուզում ձեզ տեսնել․․․ (Շուռ է գալիս։)
Դադար։ Մեռածները շփոթված նայում են իրար։
Օնդրա։ Մայրիկը մեզ չի վստահում․․․
Մայր։ Եվ պատճառ կա, Օնդրա։
Օնդրա։ Մենք Տոնիի համար․․․ վատ օրինակ ենք, այնպես չէ՞։ Դե, իսկ եթե նույն բանը քեզ պապի՞կն ասի․․․
Պապ։ Ո՞վ։ Ե՞ս։
::::Բոլորը դառնում են դեպի պապը։
Պապ։ Գիտեք, ինձ համար սարսափելի դժվար է․․․ Ախր ես ոչ զինվոր եմ, ոչ հերոս․․․ Նույնիսկ լավ չեմ հիշում, թե իմ օրոք որևէ պատերազմ եղե՞լ է։
Մայր։ Հայրիկ, դու քո վերջին որդուն կուղարկեի՞ր պատերազմ։
Պապ։ Աղջիկս, մենք ապրում էինք հին ձևով։ Դուք բոլորովին ուրիշ տեսակ մարդիկ եք։ Սովորել եք պատերազմին ու այդ տեսակ ամեն բաներին։ Մի մեռած, հազար մեռած, հարյուր հազար մեռած՝ մի՞թե ձեզ համար նշանակություն ունի։ Իսկ մենք՝ ո՜ւր մնացինք։ Մեզ համար պատերազմը մի տեսակ հեքիաթ էր, ինչ֊որ չեղած֊չլսված բան․․․
Մայր։ Դե, իսկ եթե պատահեր, հայրիկ։ Եթե պատահե՞ր․․․
Պապ։ Կաց, մի շտապիր․ մենք գործերն այդպես չէինք որոշում․․․ հո՛պ֊հո՛պ։ Հասկանում ես, պատերազմի մասին մենք ավելի շատ գրքերից գիտեինք․ դե, սովորեցնում էին մեզ, որ հանուն հայրենիքի մահը փառավոր մահ է։ Մենք, ծերուկներս, հավատում էինք դրան, զավակս։ Ճշմարիտ է, այն ժամանակ այսքան ժողովուրդ չէր կոտորվում, ինչպես հիմի․․․ ուշ֊ուշ էր պատահում, հասկանո՞ւմ ես։ Դե, ես նոր չպիտի փոխվեմ։ Հայրենիքի համար մեռնելու կգնայի, աղջիկս։ Ուղղակի կասեմ, կգնայի։
Մայր։ Հավատում եմ, հայրիկ։ Բայց կուղարկեի՞ք պատերազմ երեխաներիդ։
Պապ։ Կաց, այդ ուրիշ հարց է։ Մի խառնիր, ես միայն ասում եմ, որ Տոնիի տեղը լինեի, կգնայի։ Ես ծեր եմ, երեխաներ, և ընդհանրապես․․․ հատուկ հերոսություններ չեմ արել։ Դե, իսկ կյանքիս մեջ որոշ բաների հասել եմ։ Գտնում եմ, որ հիանալի կարիերա եմ արել, այնպիսի բարձր պաշտոն, աստիճան, շքանշաններ․․․ Այո․․․ Հա, ինչ էի ուզում ասել․․․
Մայր։ Դու քո որդիներին կուղարկեի՞ր մահվան, հայրիկ։
Պապ։ Հա՜, այդպես, այդպես․․․ Ահա, ուրեմն, ապրեցի մինչև խոր ծերություն, հասա ամեն ինչի․․․ ու բարի հիշատակ թողի իմ ետևից։ Մի խոսքով՝ բախտավոր կյանք։ Բայց էլի մեկ֊մեկ միտք եմ անում՝ մի՞թե բոլորն այս է․․․ Այդպիսի բաներ, աղջիկս։
Մայր։ Դրանով ի՞նչ ես ուզում ասել։ Դա ի՞նչ կապ ունի Տոնիի հետ։
Պապ։ Ոչ մի կապ, աղջիկս, ոչ մի։ Ես միայն նրա համար էի ասում, որ իմանաս՝ կյանքն ինչ բան է։ Գիտես, երբ դու պիտի ծնվեիր, քո մայրը քիչ մնաց հոգին տար։ Ես չոքել էի նրա կողքին, դե, և․․․ սարսափելի վատ էի զգում։ Ասում էի ինքս ինձ՝ ահա կինդ ամեն ինչ վտանգում է, որպեսզի աշխարհ գա մի նոր մանչուկ, իսկ դո՞ւ ինչ․․․ Գիտես, կյանքի արժեքն էլ հենց այն է, որ մեկ֊մեկ հարկ է լինում նրա համար․․․ հենց կյանքով վճարել։ Այդ նմանապես և կանացի գործ է, զավակս։ Եվ այդպես ամեն ինչում։ Թե որ հայրենիքի համար կյանքով չվճարես․․․ թե որ պատվի, ճշմարտության, ազատության համար կյանքով չվճարեին, ապա դրանք այդպիսի մեծ, այդպիսի սարսափելի գին չէին ունենա։ Դու․․․ բաց թող քո որդուն։ Այդպես է․․․ կարգը։
Մայր։ Ուրիշ ոչինչ չե՞ս ասում ինձ, հայրիկ։
Պապ։ Չգիտեմ, ուրիշ ինչ ասեմ, աղջիկս։ Գիտես, ես կուզեի գոնե մի կերպ օգտակար լինել այս պատերազմում։ Թե որ կարենայի թեկուզ մի թոռնիկ ուղարկել այնտեղ, թեկուզ մի թոռնիկ․․․ որ այսպես մեռած֊թաղած, բոլորովին անօգուտ չլինեմ։ Իհարկե, ինձ նման ծեր, մեռած մարդը շատ բան տալ չի կարող․․․
Մայր։ Հայրիկ, ախր դու իմ Տոնիին չես էլ տեսել։ Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել։
Պապ։ Ճշմարիտ է, չեմ տեսել։ Բայց ախր դա իմ տոհմն է։ Նա կգնար մեզ բոլորիս համար։ Այդպիսի լավ, հինավուրց տոհմի․․․
Մայր։ Ոչ, հայրիկ, Տոնին չի գնա։
Պապ։ Ինչպես կուզես, աղջիկս։ Միայն ցավալի է․․․ այդպիսի լավ տոհմ․․․
:::::::::::Դադար
Հայր։ Լսիր, հոգյակս, իսկապես։ Բաց թող տղային։
Մայր։ Ռիխարդ, ախր դու Տոնիին բոլորովին չգիտես։ Դու նրան երբեք ձեռքերիդ վրա չես առել, ծնկներիդ չես նստեցրել․․․ Եթե իմանայիր, ծնվելիս նա ինչքա՜ն պստլիկ էր, եթե տեսնեիր այդ թաթիկները․․․ Ոչ, դու այդ հասկանալ չես կարող։ Եթե նրան ճանաչեիր, այդպես չէիր խոսի։ Տոնին չի կարող գնալ։ Զինվորական ծառայության համար Տոնին շատ թույլ է։ Օնդրա, դու հո գիտես նրան, դու բժիշկ ես, ու կարող ես պատմել սրանց, թե Տոնին որքան թույլ է եղել միշտ։ Հիշո՞ւմ ես, ինքդ էիր ամեն տեսակ դեղորայք գրում նրա համար։ Դու փոխարինել ես Տոնիի հորը, Օնդրա, ուրեմն ասա սրանց, ասա, որ Տոնին չի կարող գնալ։
::::Օնդրան լուռ թոթվում է ուսերը։
Ուրեմն, դու չե՞ս ուզում խոսել։ Այդ դեպքում դու ասա, Կորնել, կամ դու, Պետր։ Դուք հո ճանաչում եք Տոնիին, գիտեք՝ որքան տպավորվող է նա։ Պատահում էր, հենց որ դուք սկսում էիք վիճել կամ կռվել, նա իսկույն գունատվում էր կավճի պես ու արտասվում․․․ Իսկ հիշո՞ւմ եք ինչ եղավ, երբ նա տեսավ մի անգամ, թե սայլապանն ինչպես էր տանջում իր ձիուն․․․ Քիչ մնաց ջղաձգություններ ունենար․․․ Հետո մի ամբողջ ամիս գիշերները բղավում էր․․․ Ինքդ ասա, Կորնել, պատերազմը ի՞նչ նրա տեղն է։ Գոնե դու ասա, Պետր․․․ Ախր դուք երկուսդ ամենից լավ գիտեիք նրան․․․
Կորնել։ Լուրջ գործ է, մայրիկ։ Բոլորն էլ պետք է գնան։
Մայր։ Դուք պարզապես չեք սիրում Տոնիին։ Ձեզանից ոչ ոք չի սիրում նրան։
Հայր։ Դե ոչ, հոգյակս, սիրում ենք։ Սաստիկ սիրում ենք․․․ Միայն թե․․․ ախր տղան կտանջվի, եթե տանը մնա։ Գոնե հանուն նրա․․․
Մայր։ Թող տանջվի, թող տանջվի, քանի որ իրոք այդպիսին է, քանի որ նրա համար մոր հետ մնալն այդքան ծանր զոհաբերություն է։ Այո․․․ Ուրեմն, Տոնին էլ ինձ չի սիրում։
Օնդրա։ Սիրում է, մայրիկ։ Նա քեզ անսահման սիրում է։ Մենք բոլորս էլ սիրում ենք քեզ։
Մայր։ Չէ, Օնդրա։ Մի ասեք։ Դուք ընդհանրապես չգիտեք՝ ինչ է սերը։ Դուք միշտ էլ ունեցել եք ինչ֊որ ուրիշ մի բան, շատ ավելի կարևոր, քան սերը։ Իսկ ես՝ ոչ։ Ինձ համար սիրուց ավելի կարևոր բան չկա աշխարհում, Ռիխարդ։ Եթե միայն կարողանայիք հասկանալ՝ ինչ զգացում է այդպիսի երեխա ունենալը։ Ա՛խ, Ռիխարդ, եթե տեսնեիր Տոնիին, երբ նա ծնվեց։ Նա այնպես քնքուշ էր ու․․․ այնպես անուշ․․․ եթե տեսնեիր, ի՜նչ ծիծաղելի մազեր ուներ․․․ ինչպե՞ս կարող եք մտածել, որ Տոնին կարող է հանկարծ պատերազմ գնալ։
Իրժի։ Բայց, մայրիկ, Տոնին արդեն չափահաս է։
Մայր։ Այդ ձեզ է այդպես թվում, բայց ոչ ինձ։ Դրանից էլ երևում է, որ դուք պարզապես ոչինչ չեք հասկանում։ Տոնին արտասվող մանուկ է, որին ես ծնեցի, մանուկ, որին կերակրում եմ կրծքով, մանուկ, որի քրտնած, փոքրիկ թաթիկից բռնած ման եմ ածում․․․ Աստվա՜ծ իմ, ախր դուք պարզապես խելքներդ գցել եք։ Ախր ինչպե՞ս կարող եմ այդպիսի մանկանը որևէ տեղ թողնել։
Իրժի։ Դու մեզ․․․ հո թողեցի՞ր, մայրիկ։
Մայր։ Ճիշտ չէ։ Ես ձեզ չեմ թողել։ Բայց դուք․․․ դուք միշտ էլ ունեիք ինչ֊որ հատուկ, ձեր սեփական աշխարհը, ուր ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում թափանցել․․․ ձեր սեփական աշխարհը, ուր դուք չափահաս էիք խաղում․․․ Բայց մի՞թե կարծքում եք, որ դուք ինձ համար երբևէ չափահաս եք եղել, մեծ։ Դո՞ւք։ Կամ որ երբևէ ձեր մեջ հերոսներ եմ տեսել։ Չէ, տղաներ։ Ես ձեր մեջ տեսել եմ միայն իմ փոքրիկ, խենթուկ տղաներին, որոնց դժբախտություն է պատահել․․․ Իսկ դու, Ռիխարդ, դու գիտե՞ս ինչ ես եղել ինձ համար։ Ամուսին, որը քնում է բերանը բաց, ահա այստեղ, իմ կողքին․ ես լսում եմ նրա շունչը և իմ ամբողջ մարմնով, ամբողջ իմ խնդությամբ զգում, որ նա իմն է։ Եվ հանկարծ ինչ֊որ հեռու տեղում սպանում են նրան։ Մի՞թե դուք չեք հասկանում, թե դա որքան անմիտ բան է։ Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ, ես ի՞նչ գործ ունեմ ձեր ինչ֊որ հեռավոր, հիմար Աֆրիկայի հետ։ Մինչդեռ հենց ե՛ս պետք է տայի նրան այն մարդուն, որը պատկանում էր ի՛նձ, ի՛նձ, ի՛նձ․․․
Հայր։ Բայց ախր դա այնքան վաղուց էր, թանկագինս։
Մայր։ Ոչ, Ռիխարդ։ Ինձ համար՝ ոչ։ Ինձ համար այդ ամենը՝ ներկա է։ Կամ, օրինակ, դու, Օնդրա։ Դու ինձ համար միշտ էլ նույն մռթմթռան, մշտապես թթված, տարիքիդ անհամապատասխան խելոք տղան ես․ ես քեզ հետ զբոսնում եմ մեր պարտեզում, ձեռքս ուսիդ դրած, ― այնպիսի տեսք ընդունելով, իբրև թե հենվում եմ քեզ վրա․․ Կամ դու, Իրժի, քանի՜֊քանի անգամներ եմ նորոգել վարտիքներդ։ Դու միշտ մագլցում էիր ծառերի վրա․․․ Հիշո՞ւմ ես, ամեն երեկո ստիպված էի յոդ քսել քո անհամար ճանկռտվածքներին ու քերծվածքներին։ Իսկ դու ասում էիր․ «Բոլորովին չի ցավում, մայրիկ։ Այնպես, դատարկ բան է․․․»։ Կամ դու, Կորնել․․․
Կորնել։ Դե, ինչի՞ համար է, մայրիկ։ Ամեն տեսակ մանրուքներ․․․
Մայր։ Ինչի համա՞ր։ Այ հենց դա էլ դուք չեք հասկանում։ Ինձ համար ամեն մի այդպիսի մանրուքը հիմա էլ հազար անգամ ավելի կարևոր է ձեր բոլոր պատերազմներից ու արշավախմբերից։ Իսկ գիտե՞ս ինչու։ Որովհետև դուք ձեր մայրիկի համար թողել եք այդ մանրուքները միայն։ Միայն այդ մանրուքներում էլ ես կարող էի ծառայել ձեզ։ Եվ դա իմ աշխարհն էր։ Իսկ երբ ձեր գլուխն էիք մտցնում ինչ֊որ մեծ բան, իսկույն խույս էիք տալիս ինձանից․․․ Բայց դուք չէիք կարողանում նայել ուղիղ աչքերիս մեջ, ասես գիտեիք, որ խիղճներդ մաքուր չի։ «Դու այդ չես հասկանա, մայրիկ»։ Հիմա էլ մի կողմ եք նայում։ Այո, բոլորդ։ Ես գիտեմ, էլի մտքներումդ մի բան կա, ինչ֊որ ձերը, ինչ֊որ մեծ բան․․․
Օնդրա։ Մայրիկ, դու մի բարկանա, բայց այս անգամ խոսքն իսկապես վերաբերում է այնքան կարևոր գործի․․․
Մայր։ Չեմ ուզում այդ մասին լսել, Օնդրա։ Եթե խոսքը վերաբերում է Տոնիին, ոչինչ չեմ ուզում լսել։ Դուք ձեր նկատառումներն ունեք, ես իմ։ Դուք ունեք ձեր մեծ խնդիրներն ու պարտականությունները, ձեր փառքը, պատիվը, հայրենիքը և․․․ չգիտեմ, էլի ինչ․․․
Հայր։ Մեր պարտքը, թանկագինս։
Մայր։ Այո, ձեր պարտքը․․․ Ես էլ ունեի իմ փառքը՝ այդ դուք էիք։ Ունեի իմ տունը՝ այդ դուք էիք։ Իմ պատիվը՝ այդ դուք էիք, դո՛ւք, դո՛ւք․․․ Ուրեմն, բացատրեցեք ինձ, ինչո՞ւ ամբողջ հին աշխարհի, և միջին դարերի, և նոր պատմության ընթացքում միայն ես, ես՝ մայրս, ես՝ կինս պետք է ձեր մեծամեծ գործերի համար վճարեմ այդպիսի ահավոր գնով։
Պապ։ Աղջիկս, դու չպետք է այդպես բարկանաս սրանց վրա։
Մայր։ Ես սրանց վրա չեմ բարկանում, հայրիկ։ Ես բարկանում եմ մեր աշխարհի վրա։ Որովհետև նա շարունակ իմ որդիներին ուղարկում է մեռնելու հանուն ինչ֊որ մեծ գործերի, հանուն փառքի, կամ մարդկության փրկության, կամ էլի դրա նման ինչ֊որ բանի․․․ Եվ, քո կարծիքով, հայրիկ, ինչ է, դրանից մեր աշխարհը գոնե մի փոքր լավացե՞լ է։ Ընդհանրապես, հարկավո՞ր էր դա որևէ բանի համար։
Պապ։ Հարկավոր է, աղջիկս, հարկավոր է։ Հասկանում ես, մեծ անցյալը նույնպես անհրաժեշտ է մարդկանց։
Հայր։ Թանկագինս, գիտեմ, որ դա քեզ համար խիստ ծանր է եղել, բայց․․․ երբ ես ահա այսպես նայում եմ քեզ․․․
Մայր։ Մի՛ նայիր ինձ, Ռիխարդ, մի նայեք ինձ։ Երբ ես չարանում եմ, սարսափելի տեսք եմ ունենում․․․
Հայր։ Դու պարզապես տաք բնավորություն ունես, մանկիկս։ Դու նույնպես․․․ կգնայիր մեռնելու, եթե այդ պահանջվեր։
Մայր։ Բայց միայն ձեզ համար, հասկացի՛ր։ Ձեզ համար և ուրիշ ոչ մի բանի։ Իմ ամուսնու, իմ ընտանիքի, իմ երեխաների համար․․․ Ի՛նչ գործ ունեմ ես, կինս, ուրիշ բաների հետ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ես Տոնիին չեմ տա ձեզ։
::::::::::Դադար
Օնդրա։ Գիտես, հայրիկ, նա մասամբ իրավացի է։ Տոնին իսկապես ֆիզիկապես թույլ է։ Մի տեսակ ալարկոտ, թերաճ պատանի է․․․
Իրժի։ Դա ավելի շուտ հոգեկան թուլություն է, Օնդրա։ Նա մի տեսակ խանդավառ ու միաժամանակ երկչոտ վիճակում է։ Ես դեռ երբեք այնպիսի տղա չեմ տեսել, որի մոտ այդքան քիչ բնազդական համարձակություն լինի։
Կորնել։ Թերևս, նա դրանում մեղավոր չէ, Իրժի․ դա ջղերից է։ Տոնին օժտված տղա է, բայց անասելի ջղային։ Նույնիսկ չեմ հասկանում, թե նրանից ինչ դուրս կգա։
Պետր։ Ցավալի է, ցավալի։ Նրանից այդպես էլ երբեք բան չի ստացվի։
Մայր։ Ոչ, դուք իրավունք չունեք այդպես խոսելու։ Դուք զրպարտում եք նրան։ Չհավատաս նրանց, Ռիխարդ, նրանք միշտ էլ թերագնահատել են Տոնիին։ Տոնին պարզապես․․․ խիստ զգայուն է։ Իսկ մնացյալում նա այժմ պակասություն չունի։ Ռիխարդ, դու գոհ կլինեիր, եթե տեսնեիր, թե ինչ ուժեղ ու առողջ է նա հիմա։ Եվ եթե ուզում եմ իմանալ, նա ինքն էր ուզում կամավոր գնալ պատերազմ։ Եկավ ինձ մոտ, սկսեց խնդրել․․․ Ոչ, Տոնին այստեղ մեղք չունի։ Ես չթողի նրան։ Ու չեմ թողնի։
Հայր։ Բայց ինչո՞ւ, Դոլորես։
Մայր։ Որովհետև չեմ ուզում մենակ մնալ։ Գուցե դա իմ կողմից եսամոլություն է․․․ բայց ախր բացի Տոնիից ես այլևս ոչ ոք չունեմ։ Ռի՛խարդ։ Լսե՛ք, երեխաներ, լսիր, հայրիկ․․․ Խնդրում եմ, թողեք նրան ինձ։ Ախր այլապես ես ում համար պիտի ապրեմ, ում հոգամ, այլապես ոչինչ չի մնա․․․ Մի՞թե ես ոչ մի իրավունք չունեմ նրա նկատմամբ, որին կյանք եմ տվել։ Մի՞թե այս հազարավոր տարիների ընթացքում ես այնպես էլ ոչ մի բանի արժանի չեղա։ Խնդրում եմ, երեխաներ, արեք այդ ինձ համար, և ինքներդ ասացեք, որ չպետք է տամ նրան․․․ Դե, ասացեք։ Ի՞նչ եք լռում։
::::::::::Դադար
Պապ։ Տեր աստված, այս բոլորը ի՜նչ ծանր է։ Այդպես մի հուզվիր, զավակս։ Միգուցե բանը Տոնիին չհասնի էլ։ Ով գիտե, գուցե արդեն ուշ է․․․ և մենք պարտություն ենք կրել․․․
Հայր (կռանալով քարտեզի վրա)։ Դեռ ոչ, պապիկ։ Այս գծում կարելի էր հակահարված տալ։ Եթե բոլոր ուժերը լարենք։
Պետր։ Հայրիկ, ես հավատում եմ մեր ժողովրդին։ Ժողովուրդը զենք է ստացել և․․․ կպաշտպանի յուրաքանչյուր փողոցը։ Այ, կտեսնես, նույնիսկ երեխաները կգնան։ Կվերցնեն հայրական հրացաններն ու կսկեն կրակել․․․
Կորնել (աչք ածելով շուրջը)։ Մայրիկ, որտե՞ղ ես թաքցրել ամբողջ զենքը։
Մայր։ Ի՞նչ ես ասում, սիրելիս։
Կորնել։ Ո՞ւր ես պահել հայրիկի բոլոր զենքերը։
Մայր։ Թաքցրել եմ։ Տոնիից․․․
Կորնել։ Ցավալի է։ Այնտեղ մի հրացան հարկավոր էր յուղել։
Իրժի (դուրս է քաշում գրասեղաի դարակը և, վերցնելով իր հին տետրերը, սկսում է թերթել)։ Ափսոս, որ ինձ չհաջողվեց մինչև վերջ մշակել այս կառուցվածքը։ Պետք կգար։ (Տետրակը ձեռքին նստում է բազկաթոռին։)
Հայր (թեքված քարտեզի վրա)։ Տղաներ, ես հաճույքով կպաշտպանեի ահա այս դիրքը։ Սքանչելի լեռնանցք է․․․
Կորնել։ Ասա, մայրիկ, որտե՞ղ է այդ հրացանը։
Մայր։ Այ թե հոգսեր ունեք․․․ (Բացում է կաղնեփայտ պահարանը։) Ահա, վերցրու։
Կորնել։ Շնորհակալություն։ (Հանում է պահարանից հրացանը, զննում։) Պետք կգա։ (Սեղանի դարակից հանում է խծուծ ու յուղ և սկսում հրացանը մաքրել։)
::::::::::Դադար
Պապ։ Դե, աղջիկս, տեսնում ես, համարյա քո ամբողջ ընտանիքը հավաքվել է։
Պետր։ Լսո՞ւմ եք։
Իրժի։ Ի՞նչ։
Պետր։ Այս լռությունը։
Օնդրա։ Կարծես մեկն ուզում է, ինչ֊որ բան ասել։
Պետր։ Ո՞վ․․․ (Հայացքը մեկից մյուսին է տանում, մինչև որ նկատում է ռադիոընդունիչը։) Ըհը՛, գիտեմ։
Հայր (բարձրացնում է գլուխը)։ Ի՞նչ կա։ (Դառնում է դեպի ռադիոընդունիչը։)
Իրժի (բարձրացնում է գլուխը)։ Ի՞նչ է պատահել։ (Լարված հայացքը հառում է ռադիոընդունիչի վրա։)
Բոլորը նայում են դադիոընդունիչին։ Դադար։
Մայր։ Եթե ուզում եք․․․ ախր ձեզ այլևս ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Միայն պատերազմը։ (Միացնում է ռադիոն։)
Տղամարդկային ձայն ռադիոյից։ ․․․ ավանգարդը մոտենում է գետին։ Կամավորական ջոկատները կամուրջները պայթեցրին ու պատրաստվում են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել արվարձանային ամրությունները։ Անհրաժեշտ է ինչ գնով ուզում է լինի՝ ետ պահել հակառակորդին։ Կամավորները խնդրում են հաղորդել բոլորին․ «Կմեռնենք, բայց չենք նահանջի»։
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Կոչ ենք անում բոլոր տղամարդկանց՝ ի զե՜ն։ Կոչ ենք անում բոլոր տղամարդկանց։ Խոսքն արդեն մեր մասին չէ։ Մենք մարտնչում ենք արդեն ոչ թե մեզ համար, այլ հանուն մեր հայրերի ու զավակների երկրի։ Հանուն անցյալ ու գալիք սերունդների մենք կոչ ենք անում ամբողջ ժողովրդին՝ զենք վերցնելու։
Մայր։ Ո՛չ։ Տոնին չի գնա։ Ես նրան չեմ տա քեզ։
Տղամարդկային ձայն ռադիոյից։ Ա՛լլո, ա՛լլո։ Ինչպես հաղորդում է հյուսիսային բանակի հրամանատարությունը, մեր զորքերը շարունակում են նահանջել մարտերով։ Համառ պայքար է գնում յուրաքանչյուր թիզ հողի, յուրաքանչյուր միջնակի, յուրաքանչյուր գյուղական խրճիթի համար։ Գյուղացիները հրաժարվում են թողնել իրենց տները և զենքը ձեռքներին պաշտպանում են դրանք։ Թշնամին չի կարող գրավել ոչ մի գյուղ, առանց այն հողին հավասարեցնելու։ Զոհերի թիվը արտակարգ մեծ է։
Օնդրա։ Ի՜նչ մեղք են այդ գյուղացիները․․․
Հայր։ Ինչ արած։ Այդպես է անհրաժեշտ։ Նրանք այնուամենայնիվ ետ են պահում թշնամու առաջխաղացումը։
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Հենց այս րոպեին ռադիոհեռագիր ենք ստանում մեր «Գորգոն» նավից։ Մի րոպե, ինչ֊որ անընթեռնելի է․․․ Մեր «Գորգոն» նավը․․․ Օ՛, տե՜ր իմ․․․ (Ձայնը խզվում է։) Ներեցեք․․․ այդ նավի վրա է իմ որդին։ (Մի քանի վայրկյան լռություն։) Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մեր «Գորգոն» վարժական նավը․․․ որի անձնակազմը բաղկացած է չորս հարյուր ծովային կադետներից․․ փորձեց ճեղքել թշնամու բլոկադան, որպեսզի վերադառնա իր նավահանգիստը։ Ժամը հինգն անց յոթ րոպեին․․․ թշնամուն հաջողվեց ծովային ականով հարվածել նրան։ «Գորգոնը»․․․ սուզվում է հատակ։ (Ծանր հառաչանք։) «Գորգոնի» վրա գտնվող կադետները խնդրում են հաղորդել, հարազատներին․․․ իրենց վերջին ողջյունը․․․ Նրանք խնդրում են, որպեսզի հրաժեշտի ժամին նվագենք․․․ մեր հիմնը․․․» Որդի՛ս․․․ Տղա՜ս։
Մայր։ Ա՜, ուրեմն դու է՞լ որդի ունես։ Փոքրիկ տղա՞։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Լուրերի հաղորդումը դադարեցնում ենք։ Ալլո՛, ալլո՛․․․ Լսո՞ւմ եք մեզ։ «Գորգոնի» կադետներ, ուշադրություն։ «Գորգոնի» կադետներ, հայրենիքը իր վերջին ողջյունն է ուղղում ձեզ։
Լսվում են հիմնի հնչյունները։ Բոլոր մեռածները լուռ բարձրանում են տեղերից ու կանգնում ձգված։
Մայր։ Չորս հարյուր տղաներ․․․ Մի՞թե հնարավոր է․․․ այդպիսի երեխաներին։
Պետր։ Լուռ, մայրիկ․․․
Բոլորը կանգնած են անշարժ։ Հիմնը ավարտվում է։ «Գորգոն» վարժական նավը այլևս չի պատասխանում։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛, ալլո՛։
Կորնել։ Գնաք բարով, կադետներ։ (Հրացանը կախում է պատին։)
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Բոլոր տղամարդկանց զենքի ենք կոչում։ Պայքարի ենք կոչում ամբողջ ժողովրդին։ Հայրենիքը կանչում է իր զավակներին։ Ի զե՜ն, ի զե՜ն։
Մայր։ Ա՜, դու բղավո՞ւմ ես։ Քեզ այդ դեռ քի՞չ է, չնայած մայր ես։ Նորերի՞ն ես ուղարկում ակմտեղ։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Արևմտյան հատվածի հրամանատարությունը հաղորդում է․ «Ամբողջ ճակատի երկարությամբ մարտնչում ենք հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Երկու կողմից էլ մարտն ընթանում է չտեսնված կատաղությամբ։ Մեր օդաչուները հայտնում են թշնամու նոր դիվիզիաների մոտենալու մասին․․․»
::::::::Դռան ուժեղ թակոց
Տոնիի ձայնը։ Մա՛մա, մայրի՛կ։
Մայր (անջատում է ռադիոն)։ Լռություն։
::::::::Նորից դռան ուժեղ թակոց։
Տոնիի ձայնը։ Մայրիկ, դու այստե՞ղ ես։
Մայր։ Այո, փոքրիկս։ (Նշան է անում, որ մեկնումեկը լույսը հանգցնի։) Գալիս եմ, գալիս։
:::::::Լիակատար խավար։ Դադար։
Մայր (բացում է դուռը)։ Ի՞նչ ես ուզում, Տոնի։
Տոնի։ Դու նստել ես մթության մե՞ջ։
Մայր։ Վառիր։
Տոնի (պտտում է անջատիչը, ջահը վառվում է, սենյակում ոչ ոք չկա, սակայն շտաբային քարտեզները մնացել են սեղանին փռած)։ Մայրիկ, ո՞ւմ հետ էիր խոսում։
Մայր։ Ոչ ոքի, տղաս։
Տոնի։ Բայց ես ձայներ էի լսում․․․
Մայր։ Այդ․․․ սա էր․․․ (Միացնում է ռադիոն։)
Տոնի։ Իսկ այս քարտեզները ինչի՞դ են։
Տղամարդու ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Գլխավոր հրամանատարության կայանը հաղորդում է․ «Առավոտյան օդային հարձակման ժամանակ ռումբերը հիմնովին կործանել են Վիլյամեդիա քաղաքը։ Քաղաքացիական բնակչության մեջ զոհերի թիվն անցնում է ութ հարյուրից, մեծ մասամբ կանայք ու երեխաներ։ Վաղեմի թանկագին հուշարձաններով լի փառապանծ, հին քաղաքը վերածվել է մոխրակույտի»։
Տոնի։ Լսո՞ւմ ես, մայրիկ։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ «Մի ռումբ ընկավ հիվանդանոցի վրա։ Սպանված են վաթսուն հիվանդներ։ Քաղաքը բոցերի մեջ է»։
Տոնի։ Մայրիկ, խնդրում եմ քեզ․․․
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Լսեցեք, մարդի՛կ։ Այսօր առավոտյան Բորգա գյուղը ենթարկվեց օդային հարձակման։ Թշնամու օդաչուները ռումբեր նետեցին գյուղական դպրոցի վրա։ Դպրոցից դուրս փախչող երեխաներին, որոնք փորձում էին փրկվել, նրանք առան գնդացրային կրակի տակ։ Ութսուն երեխա վիրավորված է։ Տասնինը՝ սպանված։ Երեսունինը շենքի վրա ընկած ռումբերից պատառ֊պատառ են եղել։
Մայր։ Ի՞նչ ես ուզում։ Երեխաների՞ն։ Ո՞վ է երեխաներին սպանում։
Տոնի (փնտրում է քարտեզի վրա)։ Այդ որտե՞ղ է․․․ որտե՞ղ։
Մայր (կանգնած է, ասես քարացած)։ Երեխանե՜ր։ Փոքրի՜կ չարաճճիներ։ Երեխանե՛ր։
::::::::::Լռություն։
(Պոկում է պատից հրացանը և վեհապանծ շարժումով, երկու ձեռքով պարզում Տոնիին։) Գնա՛․․․
::::::::::::Վարագույր