Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Պատկեր:Ներքին օդային գծեր .jpg|right|thumb|200px|Ներքին օդային գծեր]]
Տեսնում ենք շարժվող գնացքը։ Գնացքը կիսում է մեր տեսահորիզոնը։ Հորիզոնում սովետական հինգհարկանիներ են։
Քանի դեռ գնացքը չկար՝ մեր դիմաց տեսնում էինք կիսակառույց շինության ավերակները։ Չոր, երկինք ցցված որբացած սյուներ։ Նայում ենք գնացքին։ Բեռնատար վագոնների ընթացքի տեսարանը, մեր մեջքին Վարդենիս քաղաքի նախկին օդանավակայանն է։ Իսկ օդանավակայանի ավերակներն, անկեղծ ասած, բնավ պատմական տեսք չունեն։ (Մեր աչքը կրթված է միջնադարյան եկեղեցիների ավերակներով)։ Բայց հենց դրանց համար ենք եկել։
[[Պատկեր:Վարդենիսի օդանավակայան.jpg|500px|thumb|Վարդենիսի օդանավակայան]]
Մայրաքաղաքի պարապ արվեստագետներ, որոնք իրենք իրենց համար ինչ֊որ բաներ են հորինում, եւ հետո ուզում են, որ մյուսները հաստատեն դրանք։ Իսկ Վարդենիսում մարդիկ մոռացել են օդանավակայանի մասին, ոչինչ չգիտեն, ոչինչ չեն հիշում, ու շվարողը, զարմացողը մենք ենք։ Ի՞նչպես։ Այո, մարդիկ այստեղից օդ են բարձրացել փոքրիկ սովետական ուղղաթիռներով եւ օդանավերով։ Դա շա՜տ վաղուց էր, մոտավորապես 50 տարի առաջ։ Մենք ծնված չէինք կամ օրորոցում էինք։ Մեր դիմաց հիմա օդանավակայանի վազքուղին խոնավ է, հող է, սեւ, գյուղատնտեսական նշանակության հող։ Հողի մասին մտքի նոր թռիչքնե՞ր։ Կամ հողի նախկին նշանակության հանդեպ նոր վերաբերմո՞ւնք։ Մենք հուզված ենք, որովհետեւ մոտեցել ենք եւ գտնվում ենք մոռացված նշանակությունների տարածքում։ Ուզում ենք այս անցյալն ապրել նորովի։ Գրո՛ղը տանի, այս պատմությունը ոչ մի տեղ չի կորել, պարզապես դրա մասին աշխարհում ոչ ոք չի մտածում։ Հուզվելու կարիք չկա։ Լուսանկարային մեխանիկական հայացք եւ վե՛րջ։
Գիտենք, որ այն, ինչ փայլում էր, դարձել է ժանգ, գայլի բաժին։ Այս տարի կովերն էլ չկան, որ գայլերը գան տանեն։
[[Պատկեր:Գավառի օդանավակայան.jpg|500px|thumb|Գավառի օդանավակայան]]
Օդանավակայանի վարչական շենքում մեռյալ դատարկությունը երկշերտ է՝ սովետական եւ հետսովետական։ Գավառի օդանավակայանը՝ օդանավերով, հետո գոմը՝ կենդանիներով, հետո՝ մենք մեր ստվերներով, ուրվականների պես թափառում ենք շենքում։ Մեր խցիկներն աշխատում են, անխոնջ արտադրում, վերաներկայում են, իսկ ներկան աղետալի է, եւ խցիկների համար սովորական։ Օդում ճոճվող մետաղական կառուցվածքները տիեզերական տրամադրություն են ստեղծում, ֆիլմային միջավայր, մենք տարվում ենք, բայց… ուշքի պետք է գանք։ Գավառ քաղաքի մարդիկ՝ հայտնի ցրտի եւ օղու հանդեպ իրենց դիմացկունությամբ, իրենց կարտոֆիլով ու բարբառով, որ ժամանակին դարձել են օդային ճանապարհների սպառողներ, սովետական արդիականության նախագծի մասնակից, եւ ընդամենը։ Բայց մենք նրանց վերագրում ենք քաղաքական հավակնություններ։ Եւ հետո կասենք, թե չունենք որեւէ հանձնարարական։