Changes

Մորեղբայր Թիկ֊Թակի ճանապարհորդությունը

Ավելացվել է 101 334 բայտ, 11:07, 8 Դեկտեմբերի 2015
Ճանապարհի ուրիշ կամուրջներ չկային, եւ շուտով գնացքից մնաց միայն մի ճերմակ ամպիկ։
 
==Տասներորդ գլուխ==
 
<b>Ճռճռան Կոշիկ փոստատարի մասին</b>
 
Դեռ գնացքը չէր անհետացել նրանց աչքից, երբ ճանապարհորդները հանկարծ լսեցին․ «Ճը՜ռռ, ճը՜ռռ, ճը՜ռռ»— ու նրանց վրա ընկավ մի վիթխարի ստվեր։
 
Ոչ մի սարսափելի բան չպատահեց, իհարկե։ Պարզվեց, որ դա Ճռճռան Կոշիկ մականունով փոստատարի ստվերն է։ Նա աշխարհի ամենախոշոր փոստատարն էր, որին կրճատ անվանում էին Ճռանկոշ։ Ճռանկոշը այնքան մեծ էր, այնքան բարձրահասակ, որ բոլորը վախենում էին, երբ նա հայտնվում էր անսպասելի կերպով։ «Օգնեցե՜ք,— բղավում էին բոլորը։— Հսկա է»։
 
Ճռանկոշը իսկապես հսկա էր, բայց շատ բացի էր ու չէր սիրում մարդկանց վախեցնել։ Հենց դրա համար էլ ճռճռան կոշիկներ էր հագնում, որպեսզի բոլորը լսեին իր մոտենալն ու չվախենային։
 
Արեւն արդեն մայր էր մտնում, եւ Ճուանկոշի առջեւից քայլում էր երկար֊երկար ստվերը, իսկ նրա գլխի մոտ, ասես Երկրի շուրջը փոքրիկ մի Լուսին, պտտվում էր եւս մի ստվեր։
 
— Փոստատար աղավնին է,— ուրախացավ Ռռռռը, երբ Ճռանկոշը շատ մոտեցավ։
 
— Բարեւ,— ասաց Ճռանկոշը։— Ես նամակ եմ բերել քեզ, մորեղբայր Թիկ֊Թակն էլ նամակ ունի։
 
Նա բացեց պայուսակն ու նամակներ հանեց։
 
Դրանք այն նամակներն էին, որոնք Ռռռռը գցել էր փոստարկղը դեռեւս Ե Ր Ր Ո Ր Դ Գ Լ Խ Ո Ւ Մ, երբ մորեղբայր Թիկ֊Թակը լոգանք էր ընդունում։
 
— Նամակը քեզնից է, Ռռռռ,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը պատռելով ծրարը։
 
— Իսկ իմը՝ քեզնից,— ասաց Ռռռռը։
 
Մինչ նրանք կարդում էին նամակները, աղավնին ցայվում էր ջրափոսում։
 
— Շատ անպիտան է այդ աղավնին,— ասաց Ճռանկոշը։— Միշտ ջրափոսերն է մտնում։ Ես նրան պահում եմ շտապ նամակների համար։ Դուք երեւի գիտեք, որ եթե նամակի համար վճարում են վեց պենս ավելի, ուրեմն, նշանակում է՝ պետք է շտապ տեղ հասցնել։ Ճիշտն ասած, իմ ձեռքին հիմա այդպիսի նամակներ չկան։ Հե՜յ, Էլբերթ, հերիք ցայվես։ Անունն էլ Էլբերթ է։ Վերջացրու… Ինչպե՞ս անեմ, որ հասկանաս… փետուրները աղտոտել է անպիտանը։
 
Ռռռռը մռայլվեց։
 
— Տեսնում եմ, որ գլխումդ միտք է ծնվում, Ռռռռ,— նկատեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Նա հիմա կասի, թե ինչ է պետք անել, որ Էլբերթը ես վարժվի ջրափոսերը մտնելուց։
 
— Պետք է երգ երգել կրիաների համար,— հանկարծ վրա տվեց Ռռռռը։
 
— Հը՛մ… բայց դա ի՞նչ կապ ունի աղավնու հետ,— ասաց Ճռանկոշը։— Ինչո՞ւ երբ երգենք կրիանեիր համար, երբ Էլբերթին ենք ուզում ետ վարժեցնել ջրափոսերից։
 
— Անպայման կօգնի, այ, կտեսնեք,— ասաց Ռռռռը։— Կրիաների համար օրորոցային երգեք։ Ինչպե՞ս էր… հա՛…
 
<poem>
<i>
Քնիր, կրիա,
Քնիր, անուշ,
Քնիր հիմա,
Աշխարհն է սուս…
</i>
</poem>
 
եւ նրանք կքնեն։ Իսկ երբ կրիաները քնեն, ձմեռն էլ կգա․ ձմեռը գիտե, որ կրիաները քնում են միայն ձմռանը։ Ու ձմեռը կսառեցնի բոլոր ջրափոսերը, որոնք սառույցով կծածկվեն․ աղավնին էլ չի կարողանա այլեւս ցայվել։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը հիացմունքով նայեց Ռռռռռին, իսկ Ճենապակե Շնիկը պոչը խաղացրեց։
 
— Պստիկ֊Ամպիկ,— մորեղբայր Թիկ֊Թակը կանչեց իր ամպիկին, որը հենց նոր էր վերադարձել որսորդներին անձրեւի տակ առնելուց հետո։— Բարի եղիր, մի քիչ ջրիր մեր Ռռռռին։
 
Պստիկ֊Ամպիկը Ռռռռի վրա մի իսկական հեղեղ տեղաց։ Ռռռռը գլուխը պահեց անձրեւի տակ եւ ջուրն սկսեց հաճելի կերպով խուտուտ տալ ականջների հետեւը։
 
— Դա քեզ՝ շքանշանի փոխարեն, Ռռռռ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
— Տեսե՜ք, ծիածանը,— գոչեց Ճռանկոշը։ Հետո շրջվելով, Ռռռռին ասաց․— Շնորհակալ եմ քեզնից։ Դու շատ խելացի վագր ես։ Մեր գնալու ժամանակն է, Էլբերթ։
 
Էլբերթը դուրս եկավ ջրափոսից ու սկսեց թռչել փոստատարի կողքից։ Ճը՜ռռ֊ճը՜ռռ֊ճը՜ռռ— ճռճռացին վիթխարի կոշիկները։
 
==Տասնմեկերորդ գլուխ==
 
<b>Կեսգիշեր</b>
 
— Հապա, իմ սիրելի Ռռռռ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— քնելու ժամանակն է։ Ճենապակե Շնիկն ու Չալտիկ Հավիկը վաղուց քնել են։ Սոսկալի ուշ է արդեն։
 
— Վա՜յ, ինչո՞ւ՝ սոսկալի,— հարցրեց Ռռռռը։— Ուրեմն, եթե քնեմ, կլինի ավելի ուշ եւ ավելի՞ սոսկալի։
 
— Չէ, հիմարիկ։ Ուզում եմ ասել, որ հիմա Շ Ա Տ ուշ է, շուտով կեսգիշեր կլինի։
 
Ռռռռը անհանգստացավ։
 
— Իսկ ի՞նչ բան է յդ կեսգիշերը։
 
— Ինչո՞ւ ես այդպես հուզվում, Ռռռռ։ Հիմա պառկիր քնելու, իսկ կեսգիշերին ես քեզ կարթնացնեմ, եւ ու կտեսնես, թե դա ինչ է։ Համաձա՞յն ես։
 
— Համաձայն եմ,— ասաց Ռռռռը՝ քունը գլխին։— Հեքիաթ պատմիր, թե չէ՝ քունս չի տանի։
 
— Լավ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը ձեռքը պարզելով ինչ֊որ ուղղությամբ, եւ Ռռռռը նոր միայն նկատեց, որ մորեղբոր ուսի ետեւից իրեն է նայում Ձին։ Մորեղբայր Թիկ֊Թակը շոյեց Ձիու վիզը։
 
— Գիտեմ… այդ Ձին խոհանոցի պահարանից է եկել, ինձ Տաքը պատմել է,— մրթմրթաց Ռռռռը քնի մեջ։— Հետաքրքիր է, նա իսկական Ձի է, թե երեւակայական…— նա աչքերը բացեց, բայց ոչինչ չտեսավ։
 
Բայց Ձին նրանց մոտ էր։ Մորեղբայր Թիկ֊Թակը ջրի մեջ տեսնում էր նրա արտացոլումը։
 
— Ձին այստեղ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— ես տեսնում եմ նրա արտացոլման մի փոքրիկ մասը՝ գլուխն ու երեք մտքերը…
 
— Այ թե ծիծաղելի բան կլիներ,— ասաց Ռռռռը,— եթե…
 
— Դու արդեն քնած ես,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— մի ուրիշ անգամ հեքիաթ կպատմեմ։
 
— Բոլորովին էլ չեմ քնել,— ասաց Ռռռռը։— Ասում եմ, ի՞նչ հետաքրքիր կլիներ, եթե ձիերը երեք ոտք ունենային՝ երկուսը՝ մի կողմից ու մեկն էլ՝ մյուս։
 
— Այո, այդպես շատ հարմար է շրջանով վազելու համար։ Այդ դեպքում ձիու մի կողմը մյուսից ավելի արագ կվազեր։ Դու երեւի հենց դա՞ նկատի ունեիր։
 
Որպես պատասխան, լսվեց բարձրաձայն մի խռմփոց։
 
— Ի՜նչ քնկոտ վագր է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ձի՛։
 
Ձիու արտացոլումը շարժվեց, եւ Ռռռռը բացեց քնաթաթախ աչքերը։ Նա լսեց, թե ինչպես Ձին անցավ գետն ու հետո ելավ ափ։ «Հետաքրքիր է, իսկ երազները նրա հե՞տ են, թե մնացել են խոհանոցի պահարանում»— մտածեց Ռռռռը եւ նույն պահին խորը քուն մտավ։
 
Նա քնել էր, իսկ այդ ընթացքում նամակը լողաց դեպի ափ եւ քթով մխրճվեց առափնյա եղեգների մեջ։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը թիերը դրեց նավակի մեջ եւ ականջ դրեց, թե ինչպես է ժամացույցը խփում ժամը տասը։
 
«Շուտով կեսգիշեր է»,— մտածեց նա եւ Ռռռռին ծածկեց վերմակով, իսկ հետո ինքն էլ պառկեց ժամացույցի կողքին։ «Որպեսզի լսեմ, երբ խփի ժամը տասներկուսը»— մտածեց նա։
 
— Բարի գիշեր,— ասաց նա Պստիկ֊Ամպիկին։
 
Մի քիչ քնելուց հետո գլուխը բարձրացրեց ու նայեց աստղերին, ժամացույցը խփեց ժամը տասնմեկը։ Ճենապակե Շնիկը քնի մեջ ֆսֆսաց, իսկ Չալտիկ Հավիկը գլուխն ուզեց հանել թեւի տակից, բայց նորից թաքցրեց։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը լսեց, թե ինչպես են նավակի կողին հարվածում ալիքները։
 
«Ինչո՞ւ էր Ռռռռը այդպես վախենում կեսգիշերից։ Ափսոս, գիշերը կենդանի չէ, որ— թըփ, թըփ, թըփ— իջնի երկնքից՝ լուսինն էլ ճեռքին։ Գիշերը ինչքա՜ն խաղաղ է ու գեղեցիկ։ Եվ ինչպե՞ս են փայլում աստղերը»։
 
Աչքերն իրենք իրենց փակվում էին, եւ նա մի քիչ էլ ննջեց։
 
—Թիկ֊թակ, թիկ֊թակ, թիկ֊թակ…— ժամացույցը խփեց կեսգիշեր։
 
— Ռռռռը բացեց աչքերն ու ձգվեց։ Մորեղբայր Թիկ֊Թակը թիերն իջեցրեց ջուրը եւ անշտապ սկսեց թիավարել հոսանքն ի վար։
 
==Տասներկուերորդ գլուխ==
 
<b>այն մասին, թե ինչպես էին տառերը լողում գետնում</b>
 
Ափին, ուր գետի մեջ էր թափվում փոքրիկ մի առվակ, ճանապարհորդները տեսան բարձր֊բարձր կաղամախիներ։ Լուսինը պայծառ լուսավորում էր։ Ջրի մեջ լողում էին զանազան տառեր ու խառնիխուռն տողեր, որոնք, հավանաբար, Մանկական Երգերից էին․
 
«Մեր փոքրիկ Մերին մի գառնուկ ուներ»
 
«Ճանապարհին փիսիկները կորցրին իրենց ձեռնոցները»
 
«Այ անպիտան փոքրիկ տղա»
 
«Մյաո՜ւ֊մյաո՜ւ֊մյաո՜ւ… կարկանդակն իմն է միայն»…
 
Ոչինչ հասկանալի չէր։
 
— Այս առվակը հոսում է Մանկական Երգերի Լճից,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը Ռռռռին։— Իսկ վաղը կամ մյուս օրը մենք կհայտնվենք սրանից ավելի մեծ Բառերի Գետում, որն հոսում է դեպի Հեքիաթների Աշխարհ։
 
— Իսկ որտեղի՞ց են հայտնվում բառերը,— հարցրեց Ռռռռը։— Ինչի՞ց են սարքված։
 
— Տառերի։ Նայի՛ր։
 
— Վա՜֊ա՜յ,— զարմացավ Ռռռռը։
 
Քիչ հեռու, բլրակի վրա նա մի տնակ տեսավ եւ նույնիսկ, հրաշք բան էր, տեսավ նաեւ այն ամենը, ինչ տեղի էր ունենում տնակում։
 
Հյուրասենյակում վառվում էր բուխարիկը, որի շուրջը նստոտել էին Այբուբենի տառերը։ Նրանք տաքանում էին կրակի մոտ ու բառ֊բառ խաղն էին խաղում։
 
— Շարունակենք,— ասաց Կեն անունով մեծատառ «Կ»֊ն։— Ինչպե՞ս է գրվում «ջուր» բառը։
 
Տեղներից անմիջապես վեր թռան Ջե անունով փոքրատառ «ջ»֊ն, Ո անունով փոքրատառ «ո»֊ն, Վյուն անունով փոքրատառ «ւ»֊ն ու Րե անունով փոքրատառ «ր»֊ն եւ շարք կանգնեցին։ Մյուս տառերը ծափահարեցին եւ Ջեն, Ոն, Վյունը եւ Րեն խոնարհվեցին նրանց առաջ։
 
Իսկ հիմա՝ ինչպե՞ս է գրվում «հաց» բառը,— ասաց Գիմ անունով մեծատառ «Գ»֊ն։
 
Անմիջապես ոտքի ելան Հո անունով փոքրատառ «հ»֊ն ու Այբ անունով փոքրատառ «ա»֊ն։ Իսկ որտե՞ղ էր Ցո անունով փոքրատառ «ց»֊ն։
 
Պարզվեց, որ չկա։ Տառերից մի քանիսը նայեցին գորգի տակ։ Իսկ Ինի անունով մեծատառ «Ի»֊ն սանդուղքով վեր վազեց, մտավ լոգարան ու տեսավ, որ այնտեղ պառկած, խոր քուն է մտել Ցո անունով փոքրատառ «ց»֊ն։
 
Մինչ ճանապարհորդները դիտում էին այս ամենը, տնակը գրեթե հեռացավ նրանց տեսադաշտից։ Հանկարծ Ռռռռը հիշեց․
 
— Իսկ ո՞ւր է կեսգիշերը։
 
— Վաղուց է անցել։ Ի՛նչ է, չնկատեցի՞ր,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
— Միայն նկատեցի, որ շուրջս մութ է։
 
— Իսկ այդ մութը քեզ նեղացրե՞ց։
 
— Ոչ։
 
— Իհարկեե, չէր նեղացնի… Իսկ դու վախենում էիր։ Շուտով լույսը կբացվի։
 
Նրանք մի անգամ էլ նայեցին Մանկական Երգերի բառերին, որոնք լողում էին գետի ջրերում, բայց տառերից շատերն արդեն հալվել էին, բացի Փյուր անունով փոքրատառ «փ»֊ից, Այբ անունով փոքրատառ «ա»֊ից, Հի անունով փոքրատառ «յ»֊ից, Լյուն անունով փոքրատառ «լ»֊ից, Ինի անունով փոքրատառ «ի»֊ից, Րե անունով փոքրատառ «ր»֊ից ու էլի մի քանիսից։ Այդ տառերը ատղիկների պես փայլփլում էին ջրի մեջ։
 
— Նայիր, նայիր,— ասաց մորեղփայր Թիկ֊Թակը։— Նայիր այստեղ՝ ի՛նչ է գրված․
 
<poem>
<i>
Փայլի՛ր, աստղ իմ, փայլի՛ր,
Ո՞վ ես, ասա՛, մի՛ թաքցնիր…
</i>
</poem>
 
Իսկ հիմա կարդա մյուս բառը․
 
<strong>Ծիածան</strong>
 
Հենց այն պահին, երբ նրանք կարդում էին այդ բառերը, Պստիկ֊Ամպիկը սկսեց անձրեւ տեղալ․ տառերն աստիճանաբար հալվեցին ու անհետացան։
 
— Իսկ հիմա, Ռռռռ, եկ մի քիչ քնենք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Բայց քնելուց առաջ, նա վագրի համար մի լիքը պնակ կաթ լցրեց։ Ռռռռը խմեց կաթը, պառկեց եւ մորեղբայր Թիկ֊Թակը նորից ծածկեց նրան, հետո ինքն էլ տեղավորվեց ու քնեց մինչեւ առավոտ, մինչեւ այն ժամանակ, երբ Ճենապակե Շնիկն արթնացավ ու իր հաչոցով մյուսներին էլ արթնացրեց։
 
— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց նա։
 
Պստիկ֊Ամպիկը չէր երեւում։ Գիշերվա ընթացքում նավակը շատ էր ետ գնացել ու նրանք հիմա գորշ լեռան ստվերի տակ էին։ Երբ շատ մոտեցան, լեռը շարժվեց ու նայեց նրան…
 
==Տասնմեկերորդ գլուխ==
 
<b>Բրոնտոզավրի տխուր պատմությունը եւ մի քանի խոսք էլ Թվաբանության աշխարհի մասին</b>
 
Ռռռռը չէր ուզում հավատալ աչքերին։ Պարզվեց, որ այդ լեռը մի վիթխարի կենդանի է։ Մարմինը կլիներ, երեւի, աշտարակի չափ, վիզը նման էր զանգակատան ձողասայրի, իսկ պոչի երկարությանն էլ՝ չափ չկար։
 
Նկատելով ճանապարհորդներին, կենդանին գլուխը մտցրեց ջրի մեջ ու բերանը լցրեց ջրիմուռներով։ Ջրիմուռները ծամելով, կենդանին լուռ նայում էր ճանապարհորդներին եւ աղի արցունք էր թափում։ Ոտքերի տակ մի մեծ լիճ էր գոյացել, որտեղ մի բադ էր լողում։ Բադի տեսքը հնաձեւ էր։ Այսինքն, շրջապատում ամեն բան հնաձեւ էր թվում։ Արեւն ավելի էր պայծառ, քան հարկավոր էր․ այսուայնտեղ աճել էին ինչ֊որ տարօրինակ բույսեր ու խոշոր ձարխոտեր։ Երկնքում ճախրում էին զարմանալի պոչերով ու ատամներ ունեցող անշնորհք թռչուններ։ Այնքան շոգ էր, որ կարծես հայտնվել էին մի մեծ ջերմոցում։
 
— Իսկ ինչո՞ւ է լալիս,— հարցրեց Ռռռռը։
 
Բրոնտոզավրը (իսկ այդ կենդանին հենց նա էր, որ կար) կուլ տվեց ջրիմուռներն ու ասաց․
 
— Շատ տխուր է իմ պատմությունը։ Եթե կուզեք՝ կպատմեմ։ Շատ երկար չէ։
 
Ռռռռը տեղնուտեղը կասկածեց, որ այդքան Շ Ա Տ մեծ բրոնտոզավրի հետ ինչ֊որ բան ՇԱՏ Չ Լ Ի Ն Ի։
 
— Քեզ կարգին պահիր, Ռռռռ,— շշնջաց նրա ականջին մորեղբայր Թիկ֊Թակը, որն անմիջապես կռահեց, թե ինչ է մտածում վագրը։
 
— Ինձ կարող եք ուղղակի Բրոնտի ասել,— ասաց վիթխարի կենդանին։
 
— Իսկ իմ անունը մորեղբայր Թիկ֊Թակ է,— ներկայացավ մորեղբայր Թիկ֊Թակը։— Սա Ռռռռն է, մեր վագրը, իսկ սա՝ Ճենապակե Շնիկն է, սա՝ Չալտիկ Հավիկը, Պստիկ֊Ամպիկն էլ կա, որը հիանալի անձրեւ է տեղում, բայց չգիտեմ, թե հիմա ուր է կորել։
 
— Ծիածա՜նը,— գոչեց Ռռռռը, ցույց տալով գետի կողմը։
 
— Հոյակապ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ափսոս, որ Պստիկ֊Ամպիկը չի տեսնում։
 
— Քը՛մ… քը՛,— կոկորդը մաքրեց Բրոնտոզավրը։— Այո՜, տխուր պատմություն է։— Ու նա սկսեց իր պատմությունը․— Երբեւէ աշխարհում պիտի ապրի միսիս Լալկանը։ Նա շատ կսիրի լաց լինել ու լաց կլինի ամբողջ օրը մինչեւ կեսգիշեր։
 
Մի անգամ, երբ նա շատ երկար լաց լինի, ոտքերի մոտ արցունքի լիճ կգոյանա, ու նա ստիպված կլինի հանել կոշիկները, նույնիսկ գուլպաներն էլ կհանի։ Բայց կձանձրանա ջրում կանգնելուց եւ կբարձրանա ծառի վրա ու կշարունակի այնտեղ լալ։ Այդ բանը դուր չի գա բվեճներին, որոնք ապրելիս կլինեն փչակներում, որովհետեւ արցունքից կթրջվեն նրանց փետուրները։ Միսիս Լալկանը ստիպված կլինի չորանոց գնել եւ բվեճները հերթի կկանգնեն, որպեսզի չորանան։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ տխուր պատմություն է,— ավարտեց Բրոնտին։
 
— Այդպիսի բանե՜ր… բայց դո՞ւ ինչու ես լալիս,— հարցրեց Ռռռռը։
 
— Որովհետեւ…— ավելի բարձր լաց եղավ Բրոնտին,— որովհետեւ միսիս Լալկանը ծնվելու է շատ ուշ, մի հարյուր միլիոն տարի հետո, ու ես նրան չեմ տեսնի։ Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ… ո՜ւ…
 
— Խեղճ Բրոնտի,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Դու Մ Ե Ծ վիշտ ունես։ Եվ դա բնական է… Մեծ Բրոնտոզավրի վիշտն էլ պետք է մեծ լինի։
 
— Հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը յոթն է։
 
— Շնորհակալ եմ, Ճենապակե Շնիկ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ցտեսություն, Բրոնտի։
 
— Ցտեսություն,— պատասխանեց Բրոնտին։
 
Նավակը շարունակեց լողալ, ու երբ նույնիսկ արդեն բավականին հեռացել էր, ճանապարհորդները դեռ տեսնում էին, թե ինչպես է Բրոնտին տխրամած իրենց ետեւից նայում, մերթ ընդ մերթ գլուխը մտցնելով ջուրը, որպեսզի բերանը լցնի ջրիմուռներով եւ ապա ծամի, ամեն անգամ ցնցվելով հեծկլտալուց։
 
Քիչ անց գետը կեռման արեց եւ Բրոնտին բոլորովին անհետացավ տեսադաշտից։
 
— Լավ կլիներ, եթե որեւէ կերպ նրան ուրախացնեինք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
— Գուցե մեր հեռադիտակը տայինք նրան։ Հեռադիտակով թերեւս կարողանար տեսներ միսիս Լալկանին,— առաջարկեց Ռռռռը։
 
— Հրաշալի գաղափար է։ Վազիր ետ, Ռռռռ։ Հեռադիտակը կդնեմ պատյանի մեջ ու ժապավենով կկապեմ, որպեսզի տանելը դյուրին լինի։ Հապա, թաթովդ բռնիր, որպեսզի կապը ամուր ստացվի։ Ահավասիկ, պատրաստ է։
 
Ռռռռը վերցրեց հեռադիտակով պատյանը, ցատկեց դեպի ափ ու ետ վազեց դեպի Բրոնտին։
 
Ու շնչակտուր վերադարձավ քառորդ ժամ անց։
 
— Թիկ֊Թակ, գիտե՞ս ինչքան ուրախացավ Բրոնտին,— ասաց Ռռռռը։— Բայց ստիպված եղա կրծել ժապավենը, այլապես պատյանը չէր բացվում։ Վա՜յ, այն ի՞նչ է…
 
Հոսանքը նավակին տարավ դեպի ցուցատախտակը, որը հայտարարում էր․
 
<b>ԴԵՊԻ ՏՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ</b>
 
Այո՛, հայտարարում էր։ Ցուցատախտակի վրա ոչ մի մակագրություն չկար։ Դա խոսող ցուցատախտակ էր։
 
— Այս ճանապարհը տանում է դեպի Թվաբանության Աշխարհ,— հայտարարեց ցուցատախտակը։— Գնացեք եւ ինքներդ կհամոզվեք, որ Ե Ր Կ Ո Ւ Ա Ն Գ Ա Մ Ե Ր Կ Ո Ւ Հ Ա Վ Ա Ս Ա Ր Է Չ Ո Ր Ս Ի։ Երեքից հանած երկու՝ մեկ։ Մեկին գումարած երկու՝ վեց։
 
— Ճիշտ չէ,— ասաց Ռռռռը։
 
— Իսկ քանիսի՞ է հավասար,— հարցրեց ցուցատախտակը։
 
Ռռռռը երկար ժամանակ հաշվեց մատներով ու վերջապես ասաց․
 
— Ը՜մ… հը՜մ… Ը՜մ…
 
Նրա մոտ հայտնվեց մի ձիու գլուխ։
 
— Մեկին գումարած երկու կանի երեք,— ասաց ձիու գլուխն ու անհետացավ։
 
— Երեք,— գոչեց Ռռռռը։
 
— Երեք,— կրկնեց ցուցատախտակը։— Մեկին գումարած երկու կլինի երեք։ Ահավասիկ, Թվաբանության Աշխարհ տանող ճանապարհը։
 
==Տասնչորսերորդ գլուխ==
 
<b>Չարամիտները</b>
 
Նավակը հազիվ էր լողում։
 
— Չեմ հասկանում, թե ինչ է պատահել,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը, որը թիավարում էր։
 
Հենց այդ պահին էլ բոլորը գետափին տեսան երեք կերպարանք, որոնք կնգուղավոր սեւ թիկնոցներ էին հագել, եւ մեկ էլ մի շնիկի։
 
— Կարծես թե մարդիկ են,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Թիկնոցներն այնպիսին են, որ մի կարգին բան չես հասկանա։ Իսկ ի՞նչ են անում, շատ հետաքրքիր է։
 
Գետնին պահածոյի տուփերի մի վիթխարի կույտ կար։ Եվ այդ երեք տուփերից ինչ֊որ բան էին լցնում գետի մեջ։
 
Նավակը դժվարությամբ էր լողում առաջ։
 
— Կարծես քաղցր հյութի միջով նավարկելիս լինենք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Հենց հյութ է, որ կա…— գոչեց նա։— Նայեք։
 
Եվ բոլորը կարդացին տուփերի վրայի պիտակները․
 
<strong>
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԻ ՀՅՈՒԹ
 
տուփը՝ 4 պենս
</strong>
 
— Հյութ են լցնում գետի մեջ, ա՛յ թե չարամիտներ են, հա՛։
 
— Ճի՜շտ է, ճի՛շտ… դրանք չարամիտներն են,— ասաց Ռռռռը։— Հիշո՞ւմ ես, Տաքը մեզ զգուշացրել էր։ Նրանք Չիկարելին, Միարան եւ Ամաչիրն են, իսկ շան անունն էլ Ուաֆ է։ Տաքն ասում էր, որ նրանցից վատը աշխարհում չկա։
 
— Հը՜մ…— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Չարամիտներն են… Ընկանք նրանց ճանկը։
 
Ուաֆը հաչեց։
 
— Թո՛ւհ, վերջ տուր,— ասաց Չիկարելին։— Հա֊հա՜֊հա՜։ Միստր Թիկ֊Թակ, հո ընկա՞ք մեր ճանկը։ Թռչնակը երգ էր ասում, կատուն շուրթերն էր լիզում…
 
— Հա՜, հա՜, հա՜…— քրքջացին չարամիտները միասին։
 
Հետո սկսեցին պարել ու երգել․
 
<poem>
<i>
Չի՛ կարելի։ Մի՛ արա։
Մի՛ արա։ Չի՛ կարելի։
Վե՛րջ տուր հապա։
Ամաչի՛ր։
Ո՞ւր ես փախչում։
Չշարժվե՜ս…
Ուա՛ֆ,
Հասի՛ր։
Ուա՜ֆ,
Բռնի՛ր։
Հա՜֊հա՜…
Հա՜֊հա՜…
</i>
</poem>
 
Գետնի ջուրը կպչո՜ւն֊կպչուն էր, բայց եւ այնպես, նավակը, թեեւ մեծ դժվարությամբ, առաջ էր շարժվում։ Վերջապես մոտեցան չարամիտներին։ Մորեղբայր Թիկ֊Թակը արդեն պատրաստվում էր ափ ցատկել, բայց նավախելին նստած էր Ռռռռը եւ մռնչում էր։
 
Չիկարելին շշնջաց Միարայի ականջին․
 
— Եկ այդ վագրին փախցնենք, հա՜֊հա՜֊հա՜…
 
Նա հանկարծ մեջքից ցած բերեց մի պարկ ու նետեց Ռռռռի գլխին։
 
— Ռռռռռռռռռռ,— մռնչաց Ռռռռը։
 
Չիկարելին նետեց նաեւ թոկը ու սկսեց կապւտել, բայց Ռռռռը այնպես իրեն թափահարեց, որ դուրս պրծավ պարկից։ Այդ տեսնելով, չարամիտները այնպես սկսեցին փախչել, որ միայն թիկնոցներն էին շափշափում քամու տակ։
 
— …………՜,— ասաց Ռռռռը։— …………՜։
 
— Ի՞նչ պատահեց, Ռռռռ,— վագրին հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ինչո՞ւ ես …………։
 
Ճենապակե Շնիկը բարկացած հաչեց ու վնգստաց․
 
— Հա՛ֆ֊հա՛ֆ֊հա՛ֆ… Ֆը՜ռռռռռռ։
 
— Ինչպե՞ս շուտ չկռահեցի,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Նրանք փախցրել են քո ռռռռռռռռռռռը։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը ելավ գետափ եւ Ռռռռի հետ սկսեց հետապնդել նրանց։
 
Բայց չարամիտները փախչում էին քամու պես։ Եվ ավելի ու ավելի էին հեռանում իրենց հետապնդողներից։
 
Այդ պահին մորեղբայր Թիկ֊Թակը թիկունքից լսեց սմբակների ձայն։
 
Ձին էր։
 
Նա անմիջապես հեծնեց Ձիուն։ Ձին սուրաց հողի պես եւ քիչ անց նրանք արդեն հասան չարամիտներին։
 
Չիկարելին շրջվեց ու տեսավ հետապնդողներին։
 
— Հա՛֊հա՛֊հա՛,— քրքջաց նա։
 
Չարամիտներն արդեն գրեթե հասել էին գյուղ, որտեղ մի մեծ աշխարակ կար, իսկ աշտարակի վրա էլ՝ ժամացույց։
 
Չիկարելին վազելով մոտեցավ աշխարակին, գրպանից հանեց փոքրիկ մկնիկին ու ասաց նրան․
 
<poem>
<i>
Դիկկերի Դիկկերի Դիկկերի Դիկ,
Ես քեզ ունեմ մի մեծ խնդիրք
Թե շատ ես սիրում քո ձագուկներին,
Ելիր աշտարակ, պահանջս հայտնիր,
Որ ժամացույցը արագ աշխատի։
</i>
</poem>
 
Մկնիկը մի շնչով աշտարակ ելավ, ինչ֊որ բան շշնջաց ժամացույցին եւ նույն պահին սլաքներն սկսեցին ավելի արագ պտտվել։
 
— Տե՜ր աստված,— ասաց Արեւը,— ես կարծում եմ, թե առավոտվա ժամը ինն է, իսկ ժամացույցով արդեն երեքից քառորդ է պակաս։ Կնշանակի՝ ես եմ ուշանում։
 
Նա մի անգամ էլ նայեց ժամացույցին։
 
— Այս ի՜նչ բան է… արդեն երեկոյան ինն անց է քառորդ։ Վաղուց պետք է մայր մտած լինեի։ Հիմա արդեն պետք է մութ լիներ։
 
Եվ Արեւը մայր մտավ։
 
Եվ մութը վրա տվեց։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը արդեն գրեթե հասել էր Միարային ու Ամաչիին, բայց այդ չարամիտները մուգ թիկնոցներով էին ու ձուլվել էին խավարին։
 
Նրանց բաց թողնելով իր ձեռքից, մորեղբայր Թիկ֊Թակը վերադարձավ ճամփաբաժան։
 
Ձին կանգ առաջ։ Ո՞ւր կարող էին փախչել չարամիտները։ Ճամփաբաժնում մի ցուցատախտակ կար, որի մի սլաքը ցույց է տալիս Ք Ա Ղ Ա Ք, 2 մղոն, իսկ մյուսը՝ Շ Ր Ջ Ա Դ Ա Ր Ձ— Ո Ւ— ԵՏ— Դ Ա Ր Ձ, 1 մղոն։
 
«Չէ, շրջադարձ֊ու֊ետ֊դարձը հարմար չէ»,— մտածեց մորեղբայր Թիկ֊Թակն ու Ձին ուղղեց դեպի քաղաք։
 
Իսկ մինչ այդ Ռռռռը հասավ գյուղ։ Չիկարելին դեռ այնտեղ էր։ Աշտարակի մեջ նա ընկել էր մկնիկի ետեւից եւ այն է, ուզում էր բռնել, երբ նույն պահին հայտնվեց Ռռռռը։
 
— Օգնե՜ք… Փրկե՜ք,— վախեցած ճչաց Չիկարելին եւ սուզվեց խավարի մեջ։
 
Ռռռռը մտածեց, որ խավարում, միեւնույն է, չարամիտին չես բռնի։ Հատկապես, երբ սեւ թիկնոց է հագել։
 
Ուստի նրա ետեւից չընկավ, այլ շտապեց մկնիկին օգնելու։
 
— Դու ինձ փրկեցիր, շնորհակալ եմ,— ասաց մկնիկը։— Նա ինձ միշտ վանդակի մեջ կամ գրպանում էր պահում։ Եվ նույնիսկ պանիր չէր տալիս ուտելու։ Նա քո ռռռռռռռռռռռը գողացել է, չէ՞։— Մկնիկը ինչ֊որ բան սկսեց մտմտալ։— Երեկ ռռռռռռռռռը դեռ քո մոտ էր… Ահա, ուրեմն, եթե հիմա լիներ երեկ, ապա ռռռռռռռռռռը նորից քո մոտ կլիներ, ավելի ճիշտ՝ դեռ կորցրած չէիր լինի։ Ի՞նչ անենք։ Հա, գտա։ Դիկկերի Դիկկերի Դիկկերի Դիկ։ Ես հիմա վազեմ ժամացույցի մոտ։
 
Մկնիկը նորից մագլցեց աշտարակ ու սկսեց սլաքները ետ պտտել, ետ պտտել, ետ պտտել այնքան, մինչեւ ժամացույցը խփեց երեկվա ժամը հինգը։
 
Արեւը դուրս եկավ ու նորից շրջապատը լուսավորվեց։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ օրը, երբ ճանապարհորդները դուրս եկան Թվաբանության Աշխարհից։ Եվ պարզվեց, որ Ռռռռի ռռռռռռռռռռն էլ իր տեղում է, լրիվ ու անվնաս։
 
Ռռռռը անմիջապես փորձեց․
 
— Ռռռռռռռռռռռ։ Ես գտել եմ իմ ռռռռռռռը։ Հո՜ւռռռռռռռռռա՜… Այլեւս ոչ ոքի չեմ տա։ Ռռռռռռռռռռ։
 
— Իսկ որտե՞ղ է մորեղբայր Թիկ֊Թակը,— հանկարծ հարցրեց վագրը։— Ոնց որ թե աչքիս չի երեւում։
 
Բայց Ձին հեծած մորեղբայր Թիկ֊Թակը արդեն վաղուց անհետացել էր խավարում։ Իսկ երբ նորից լույսը բացվեց, նա հեռու֊հեռվում տեսավ Միարային ու Ամաչիրին։
 
Նրանք շատ հեռու էին եւ մորեղբայր Թիկ֊Թակը մտածեց․ «Հիմա այլեւս չեմ կարող բռնել նրանց»։
 
Բայց նա մոռացել էր Պստիկ֊Ամպիկի մասին։
 
Իսկ Պստիկ֊Ամպիկը արդեն հասել էր չարամիտներին ու անձրեւ էր տեղում նրանց վրա։
 
— Կյանքումս այդպիսի անձրեւ չեմ տեսել,— զարմացավ մորեղբայր Թիկ֊Թակը։— Իսկական հեղեղ է։
 
Չարամիտները ոտքից գլուխ թրջվեցին։
 
— Կեցցե Պստիկ֊Ամպիկը,— գոչեցին մորեղբայր Թիկ֊Թակն ու Ձին միասին։
 
Ձին ետ դարձավ արդեն ծանոթ ճանապարհով։ Քիչ անց նրանք տեսան Ռռռռին, որը սեղմում էր մկնիկի ձեռքը։
 
— Թանկագին Դիկկերի Դիկկերի Դիկկերի,— ասում էր Ռռռռը,— շնորհակալ եմ օգնության համար։ Բախտավոր եղիր։
 
— Մնաս բարով,— ճստճստաց մկնիկը եւ վազեց մի կտոր պանիր ու մի որեւէ անցք գտնելու, որպեսզի իր համար փոքրիկ բույն պատրաստի։
 
Իսկ մորեղբայր Թիկ֊Թակը՝ Ձիուն նստած, եւ Ռռռռը՝ ոտքով, ճամփա ընկան ետ, դեպի նավակը։
 
Ճենապակե Շնիկն ու Չալտիկ Հավիկը շատ ուրախացան նրանց տեսնելով։ Քիչ անց նրանց հասավ անեւ Պստիկ֊Ամպիկը։
 
— Մենք դարձյալ միասին ենք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Որքան կուզենայի, որ Ձին էլ միշտ մեզ հետ լիներ։ Ճիշտ է, նա մի քիչ մեծ է, եւ դժբախտաբար, նավակում չի տեղավորվի։
 
— Կարելի է փոքրացնել,— առաջարկեց Ռռռռը։— ինչպես ինձ փոքրացրինք։
 
— Ի դեպ, հուզվելու կարիք չկա,— փոքր֊ինչ մտածելով, ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Միեւնույն է, այնպես է լինում, որ երբ Ձին մեզ պետք է գալիս, կամ մենք՝ նրան, տեղնուտեղը հայտնվում է։ Եվ հիմա կարեւորն այն է, թե ինչպես ենք դուրս գալու այս կպչուն ջրից։ Գետը դեռ լիքն է քաղցր հյութով։
 
Ելքը գտավ Ձին։ Նա բռնեց նավակին կապած թոկն ու քարշ տվեց այնքան, մինչեւ հայտնվեցին մաքուր ջրում։
 
Մարգագետնի մոտ, ուր աճել էր հյութեղ խոտն ու առվույտը, ճանապարհորդները բաժանվեցին Ձիուց եւ շարունակեցին իրենց նավարկությունը։
 
Ռռռռը նավակի կողից կախվել էր ցած եւ հիանում էր ջրում երեւացող իր արտացոլմամբ։
 
— Ռռռռռռռռռռռ,— մռնչում էր նա։ Շատ գոհ էր, որ ետ է ստացել իր ռռռռռռռը։— Ռռռռռռռռ…
 
==Տասնհինգերորդ գլուխ==
 
<b>Բառերի Գետի մասին</b>
 
Հանկարծ ջրի արտացոլումը մռնչաց Ռռռռի վրա եւ վագրը շատ վախեցավ։ Իհարկե, իրականում ոչ ոք էլ չմռնչաց, բայց այդպես թվաց, որովհետեւ գետի ջրերում լողում էր մի մեծատառ ռա՝ «Ռ» եւ բազմաթիվ փոքրիկ֊փոքրիկ տառեր։ Չի կարելի ասել, թե նրանք կանգնել ու տող էին կազմել, բայռ Ռռռռին այնուամենայնիվ թվաց, թե նրանք մը՜ռռռռռռռռռնչում են իր վրա։
 
Գետով լողում էին նաեւ ուրիշ տառեր ու բառեր, եւ նույնիսկ՝ նախադասություններ։ Հենց այդտեղ էր, որ Բառերի Գետը թափվում էր Ժամանակի Գետի մեջ, որի ջրերով նավարկում էին ճանապարհորդները։
 
— Իսկ շո՞ւտ կհասնենք Հեքիաթների Աշխարհ,— հարցրեց Ռռռռը։
 
— Քիչ մնաց,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը,— բայց մենք այնտեղ չեք գնալու։ Թեեւ, կարծում եմ, որ բառերից երեւի մի քանիսը կլողան մեր ետեւից ու հեքիաթ կպատմեն։ Հապա, նայիր…
 
— «Լինում են, չեն լինում»,— կարդաց Ռռռռը ջրի վրա։— Իսկ հետ՞… տեսեք, հետո ի՞նչ է։
 
— «…աշխարհում…»
 
— Հետաքրքիր է, թե ինչի՞ մասին է այդ հեքիաթը։
 
— Հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։
 
Բոլորը նայեցին ջրին ու կարդացին «Ճենապակե Շնիկ» բառերը։
 
Գետի հոսանքը նավակը պտտեց «վագր» բառի առաջ։
 
Լինում են, չեն լինում, աշխարհում մի վագր, Ճենապակե Շնիկ ու Ձի են լինում, որոնք ուզում էին գտնել…»
 
— Այդ մեր մասին է,— գոչեց Ռռռռը։
 
«ծիածանի վերջը։ Ու նրանք…»
 
Բայց բառերը լողացին ավելի ու ավելի հեռու։ Իսկ բազմաթիվ բառեր էլ հոսանքը տարել էր դեպի ամբարտակ։
 
— Իմ կարծիքով Հեքիաթների Աշխարհը գտնվում է մյուս կողմում,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բայց որոշ բառեր դեռ լողում են մեր ետեւից։ Հապա, նայեք, դե դա ինչ է…
 
Այդ պահին նավակն անցավ գետափնյա պուրակի մոտով ու բոլորը հեռավոր բլրակի վրա, ափից մոտ երկու մղոն հեռու, տեսան մի գեղեցիկ արեւելյան պալատ, որի շուրջը սքանչելի պարտեզ կար։
 
Հենց նավակի կողի մոտով լողում էին մի քանի բառ․ «<i>Տասնվեցերորդ գլուխ պատմություն Ռռռռի եւ սուլթանի մկնիկի մասին</i>»։
 
Նավակը մոտեցավ ափին եւ Ռռռռը դուրս ցատկեց։
 
— Այստեղ դադար կառնենք, քունս տանում է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ռռռռը, Ճենապակե Շնիկին էլ քեզ հետ տար։ Տես, խնձորենու տակ էլ արդեն քեզ է սպասում Ձին։— Մորեղբայր Թիկ֊Թակը Ռռռռին պարզեց հովանոցն ու Ճենապակե Շնիկին։— Հովանոցն էլ վերցրու։ Արեւը շատ է կիզում։ Բարի ճանապարհ։ Մաղթում եմ ուրախ արկածներ։
 
Հետո պառկեց Չալտիկ Հավիկի կողքին, իսկ Պստիկ֊Ամպիկը կախվեց նավակի վրա, որպեսզի նրանց պաշտպանի արեւի ճառագայթներից։ Մորեղբայր Թիկ֊Թակը աչքերը փակեց ու քնեց։
 
==Տասնվեցերորդ գլուխ==
 
<b>պատմություն Ռռռռի եւ սուլթանի մկնիկի մասին</b>
 
Ռռռռը եւ Ձին Ճենապակե Շնիկի հետ քայլում էին հեքիաթային այգու միջով։ Ճենապակե Շնիկն գրկած էին տանում, քանի որ նրա ոտքերը այնպիսին չէին, որ կարողանար վազ տալ։ Այդ ոտքերի վրա հարմար էր ստելը, բայց վազել՝ անհնարին էր։ Ձին Ռռռռին շատ մոտիկ էր քայլում, որպեսզի հովանոցի ստվերը իր վրա էլ ընկնի։ Շուրջը վարդեր էին աճում, ծաղկել էին բալենիները եւ խնձորենիները, ճախրում էին թիթեռները, դայլայլում էին թռչունները։ Այգում մի շատրվան կար, որը շատ նման էր Պստիկ֊Ամպիկին, միայն թե անձրեւը տեղում էր գլխիվայր։
 
Նրանք մոտեցան պալատին եւ բախեցին շքամուտքի դուռը։ Միջանցքից լսվեցին թեթեւասահ ու արագ քայլեր, դուռը կրնկի վրա բացվեց, եւ նրանք տեսան թեթեւ հագուստներով, վարսերին կապած խոշոր, սեւ ժապավաններով երեք աղջիկների, որոնցից յուրաքանչյուրի ձեռքին մի ճերմակ թաշկինակ կար։
 
«Ինչ հաճելի է, երբ դուռը միանգամից երեք հոգի են բացում»— մտածեց Ռռռռը եւ արդեն ուզում էր հարցնել․ «Իսկ Սուլթանը տա՞նն է։ Կարելի՞ է այցելել նրան»։ Բայց երեք աղջիկներն էլ թափահարեցին թաշկինակները եւ գոչեցին․
 
— Ցտեսություն, ցտեսություն։ Շատ ուրախ ենք, որ այցելեցիք։ Նորից համեցեք։ Գնացեք բարով։— Եվ փակեցին դուռը։
 
— Երեւի դրանք Բարովգնաքն ու նրա քույրերն էին։ Տաքը մեզ պատմել էր նրանց մասին,— ասաց Ռռռռը։
 
— Իհարկե,— շատ մոտիկ մի տեղից ծղրտաց մեկը։— Անուշիկ աղջիկներ են։ Եվ այնքան էլ շատ են՝ Բարովգնաքը, Ցնորտեսությունը, Յոչտեսությունը, Ցտեսությունը…
 
— Վա՛յ,— զարմացավ Ռռռռը։— Սա հո Որդն է խոսում ծաղկի թաղարից, որը գլխիվայր դրված է լուսամուտագոգին։
 
— Փրկեցե՜ք ով կարող է,— հանկարծ գոչեց Որդը եւ սողոսկեց հողի մեջ, իսկ լուսամուտագոգին հայտնվեց սեւ կեռնեխը։ Լսելի էր միայն, թե ինչպես է Որդը փնթփնթում հողի տակից։— Այդ սեւ կեռնեխներից փրկություն չկա։ Առավոտից մինչեւ գիշեր… Մի՞թե սա կյանք է…
 
Սեւ կեռնեխը թռավ գնաց, եւ Որդը դարձյալ դուրս ցցվեց հողի միջից։
 
— Իսկ ովքե՞ր են այդ Բարովգնաքները,— հարցրեց նրան Ձին։
 
Նրանք, ովքեր ճանապարհ են դնում անկոչ հյուրերին։ Այդպիսի հյուրին նրանք բանանի կճեպ են տալիս ու ասում․ «Երբ գնալու կլինեք, խնդրում ենք, թող ձեր ոտքը սահի կճեպի վրա»։ Իսկ հետո ավելացնում են․ «Ցʼտեսություն»։ Մի անգամ այդպես անկոչ մեր կողմերում հայտնվեցին չարամիտները։ Նրանք ամեն տեղ հայտարարություններ փակցրին․
 
<b>ՎԱՐԴԵՐԻՑ ՀՈՏ ՔԱՇԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է</b>
 
Եվ ասացին, թե անհարմար է թռչուններին թույլ տալ, որ ճախրեն այգում, որ նրանք պետք է նստած լինեն վանդակներում։ Թռչունների հարցում ես համաձայն եմ նրանց հետ։ Շա՜տ վատն են, ամեն տեղ խոթում են իրենց քթները։ Հենց այդպես էլ ասացի չարամիտներին, բայց նրանք պատասխանեցին, որ որդերը պետք է ձայները կտրեն, երբ իրենց բան չեն հարցնում եւ…— այս խոսքի վրա Որդը նորից անցավ հողի տակ, որովհետեւ նրա մոտով դարձյալ թռավ սեւ կեռնեխը,—… եւ պետք է իրենց կանոնավոր պահեն սեղանի մոտ։ Եթե դուք եկել եք Սուլթանին տեսնելու, նախ եւ առաջ դիմեք նրա մկնիկին։ Նա ընդունելութոյւնների գծով այստեղ ամենագլխավորն է։ Փոստարկղի մեջ բղավեք, որ Դիկը… որ Դիկկերին…— նա նորից թաքնվեց, հետո դուրս եկավ․— Ահ։— Ու նորից թաքնվեց։
 
— Շնորհակալություն,— գոչեց Ձին ծաղկաթաղարի հատակի անցքի մեջ։
 
— Ցտեսություն, Որդ,— ասաց Ռռռռը եւ, մոտենալով փոստարկղին կանչեց․— Դիկկերի… Հետաքրքիր է, գուցե սա հենց իմ ծանոթ Դիկկերի՞ն է։
 
Ու նրանք լսեցին մի բարալիկ ձայն․
 
— Խնդրում եմ, եկեք դեպի ետնամուտքը։
 
Նրանք մոտեցան ետնամուտքին եւ այնտեղ տեսան Դիկկերիին։ Նույն այն Դիկկերիին, որը Ռռռռը փրկել էր Չիկարելիից։ Այ թե ուրախացան, երբ նորից հանդիպեցին իրար։
 
— Հիմա ես Սուլթանի մկնիկն եմ,— ասաց Դիկկերին։— Եվ ապրում եմ Սուլթանի գրպանում։ Եթե ուզում եք, կարող եք տեսնել նրան։ Հիմա նա գահին նստած, մարդկանց խրհուրդներ է տալիս, թե ով՝ ինչ պետք է անի։
 
Երբ ընկերները մտան մարմարե սյուներով մեծ դահլիճը, բոլորը, ովքեր այնտեղ էին, Դիկկերիին ողջունեցին մի առանձին հարգանքով։
 
— Բարի լույս, Դիկկերի։ Բարի լույս, Դիկկերի։
 
<b>ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է։
 
ՀԵՌԱՑԵʼՔ։ ԿՈՐԵ՛Ք։
 
ԲՈԼՈՐ ԿԱՏՈՒՆԵՐԻՆ՝ ՓԸ՜ՇՏ։</b>
 
— Կարող եք տուն գնալ,— ասաց Սուլթանը այցելուներին։— Իսկ վաղը, իմ սիրելիներ, նորից եկեք։
 
Նա ոտքի ելավ, որպեսզի նրանց ճանապարհ դնի, բայց հանկարծ գունատված գոչեց․
 
— Օգնեցե՜ք… Այգում ծեր Սուլթանուհին է իր կատվի հետ։ Այդ կատուն մկների ամենաոխերիմ թշնամին է։
 
Նա բռնեց Դիկկերիին, վազեց դեպի գրասեղանը եւ մկնիկին դրեց ծրարի մեջ, նախապես մի անցք թողնելով, որ Դիկկերին կարողանա շնչել։ Հետո սոսնձեց ծրարն ու նստեց հասցեն գրելու։
 
— Հանգիստ նստիր, Դիկկերի,— շշնջաց նա։
 
— Վայ, խուտուտ է գալիս,— հազիվ լսելի ծղրտաց Դիկկերին։
 
Հենց այդ ժամանակ սրահ մտավ ծեր Սուլթանուհին։
 
— Ես եկել եմ թեյ խմելու,— ասաց նա։— Եվ իմ կատվին էլ բերել եմ հետս։ Աստծո սիրույն, պոկեք այդ հիմար հայտարարությունը։ Կատուները ամենաքնքուշ կենդանիներն են։ Ինչպե՞ս կարելի է նրանց ներս չթողնել։
 
— Հիմա կհրամայեմ, որ հայտարարությունը պոկեն,— ասաց Սուլթանը։— Բայց մինչ այդ, խնդրում եմ, Ռռռռ, ուղարկիր այս նամակը։
 
Կատուն ցցեց քիթը։ Նա զգաց մկան հոտը։
 
Սուլթանը Ձիուն եւ Ճենապակե Շնիկին ներկայացրեց Սուլթանուհուն ու նրա կատվին։
 
— Նրանք որոնում են ծիածանի վերջը, Ձերդ մեծություն,— ասաց նա։
 
Իսկ Ռռռռը այդ ընթացքում, նամակը ձեռքին վազ էր տալիս այգում՝ փոստարկղը գտնելու համար, բայց ոչ մի տեղ չգտավ։ Ու հանկարծ լսեց․
 
— Ես այստեղ եմ։
 
Փոստարկղը թաքնվել էր թփերի մեջ։ Ռռռռը նամակը գցեց փոստարկղ։
 
— Հաջողություն,— ասաց Փոստարկղը նրան։— Նամակի ետեւից գալիս են ճիշտ քսան րոպե հետո։
 
Ռռռռն ասաց «հաջողություն» ու «շնորհակալություն» եւ վերադարձավ պալատ՝ թեյ խմելու։
 
Թեյից հետո ծեր Սուլթանուհին կատվին առած գնաց իր սենյակը, եւ քիչ անց բոլորը այգու արահետից լսեցին «ճը՜ռռ֊ճը՜ռռ֊ճը՜ռռ»։ Իսկ հետո՝ «թակ֊թակ֊թակ»․ շքամուտքի դուռն էին բախում։
 
Բարովգնաքն ու նրա քույրերը վազեցին դուռը բացելու եւ թափահարեցին թաշկինակները։
 
— Ցտեսություն, ցտեսություն։
 
— Բարեւ ձեզ, բարեկամներ,— դռան շեմից լսվեց մի ծանոթ ձայն։
 
— Ճռճռան Կոշիկն է,— ուրախացավ Ռռռռը ու վազեց դեպի դուռը։
 
— Բարեւ, Ռռռռ,— ասաց Ճռանկոշը։
 
— Բարեւ, Ճռանկոշ,— ասաց Ռռռռը ամուր գրկելով նրան։— Իսկ ո՞ւր է Էլբերթը։ Դեռ չի՞ մոռացել ջրափոսերում թավալ տալու իր սովորությունը։
 
— Նրան ուղարկել են աղավնիների դպրոց,— պատասխանեց փոստատարը,— որպեսզի մեքենաներից խուսափելու ձեւեր սովորի։
 
Ճռանկոշը Ռռռռին հանձնեց Սուլթանին հասցեագրված նամակը։
 
— Սա հո նամակ չէ, այլ չգիտեմ, թե ինչ,— ասաց նա։— Ողջ եղիր, Ռռռռ։
 
— Բարի ճանապարհ, Ճռանկոշ,— ասաց Ռռռռը եւ նամակը անմիջապես Սուլթանին հանձնեց։
 
Սուլթանը բացեց ծրարը, եւ այնտեղից դուրս ցատկեց Դիկկերին։
 
— Ես այս նամակն ուղարկել էի ինքս ինձ,— բացատրեց Սուլթանը։
 
— Դու խելացի սուլթան ես,— ասաց Ռռռռը։— Լավ է, որ փրկեցիր Դիկկերիին։ Իսկ հիմա ժամը քանի՞սն է, Ճենապակե Շնիկ,— հարցրեց նա, Ճենապակե Շնիկի առաջ պարզելով իր ձեռքի ժամացույցը։
 
— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը ութն է։
 
— Արդեն գրեթե մութ է,— ասաց Սուլթանը։— Զգույշ եղեք վերադարձի ճանապարհին։ Այս կողմերում վիշապներ ու չարամիտներ կան։
 
— Մենք Շ Ա Տ զգույշ կլինենք,— խոստացավ Ռռռռը։
 
Հյուրերը հրաժեշտ տվեցին Սուլթանին եւ Դիկկերիին, խնդրեցին, որ Սուլթանը ջերմ բարեւներ հաղորդի Բարվոգնաքին Տաքի ու Սառի կողմից եւ ճամփա ընկան։ Շուտով նրանք բարեհաջող հասան իրենց նավակին։
 
==Տասնյոթերորդ գլուխ==
 
<b>որտեղ հափշտակում են Ճենապակե Շնիկին</b>
 
— Հը՞, ուրախ էին երեկվա արկածները,— առավոտյան նրանց հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
— Հաֆ,— պատասխանեց Ճենապակե Շնիկը։
 
— Այո, շատ,— հաստատեց Ռռռռը։— Հանդիպեցինք Սուլթանին ու Դիկկերիին։ Դիկկերին հիմա Սուլթանի մոտ է ապրում։ Հետո տեսանք մեր բարեկամ Ճռճռան Կոշիկին, շրջված թաղարի մեջ ապրող Որդին եւ… Սպասեք, իսկ այդ ո՞ւմ է դաշտում լվանում Պստիկ֊Ամպիկը։
 
Մյուս ափին ինչ֊որ մեկը, որ նման էր խոշոր, սեւ ագռավի, օդապարուկ էր թռցնում։ Մինչ ճանապարհորդները նայում էին, ագռավը ձգեց թելը, եւ օդապարուկը ընկավ գետին։
 
Գնանք տեսնենք, թե ով է,— առաջարկեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Խնդրենք, որ շատ վեր բարձրանա ու տեսնի՝ արդյո՞ք չի երեւում ծիածանի վերջը։
 
Նա սկսեց թիավարել, կտրեց֊անցավ գետն ու նավակը պահեց դիմացի ափի մոտ։ Այստեղ նա Ռռռռի հետ միասին դուրս եկավ նավակից։
 
Որքան մոտենում էին խոշոր, սեւ ագռավին, այնքան սաստկանում էին մորեղբայր Թիկ֊Թակի կասկածները։
 
— Հեռվից թվում էր, թե նա հաստատ ագռավ է։ Իսկ հիմա պարզ տեսնում եմ, որ ավելի շուտ՝ չարամիտներից մեկն է։
 
Նրանք ավելի մոտեցան։
 
— Այդ է որ կար… Ամաչիրն է։
 
Այո, Ամաչիրն էր։ Նա շատ զարմացավ, տեսնելով մորեղբայր Թիկ֊Թակին ու Ռռռռին։
 
— Ես օդապարուկ էի խաղում,— ասաց Ամաչիրը, քանի դեռ անձրեւը չէր սկսվել։
 
— Խաղո՞ւմ էիր… Դո՞ւ…— զարմացավ մորեղբայր Թիկ֊Թակը։— Երբեք մտքովս չէր անցնի, թե չարամիտները խաղալ գիտեն։ Կարծում էի, թե նրանք խաղալը Ա Մ Ո Թ են համարում։
 
— Իհարկե, իհարկե,— ասաց Ամաչիրը։— Բայց ես սիրում եմ խաղալ։ Չիկարելին ասաց․ «Մի՛ արա», Միարան ասաաց․ «Չի՛ կարելի»։ Բայց ես միեւնույն է, խաղում եմ։
 
— Հապա չե՞ս ամաչում,— ասաց Պստիկ֊Ամպիկը։
 
— Հաա՜…— ուրեմն դո՞ւ էիր անձրեւ տեղում վրաս։
 
— Ես էի,— պատասխանեց Պստիկ֊Ամպիկը։
 
— Ամաչիր,— ասաց Ամաչիրը։— Ահ, ներեցեք, այդ ես եմ Ամաչիրը, իսկ դու Պստիկ֊Ամպիկն ես։ Ես՝ ես եմ, իսկ դու՝ դու ես։ Ինձ դուր է գալիս, երբ ինձ ասում են․ «Ամաչիր»։
 
— Բնական է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ինձ էլ են երբեմն ասում․ «Ամաչիր»։
 
Ամաչիրը հաճույքից փայլեց։
 
— Ես շատ եմ ամաչում,— խոստովանեց նա,— երբ այն ժամանակ քաղցր հյութ էի լցնում գետը մյուսների հետ, բայց որպես գաղտնիք կասեմ, որ փախել եմ Չիկարելիից եւ Միարայից։ Հիմա ես լավ ընկեր ունեմ, այ, այնտեղ է։
 
Ծառերի ետեւում մորեղբայր Թիկ֊Թակը մի խոշոր ու մուգ բան տեսավ։
 
— Իմ Գետաձին է,— ասաց Ամաչիրը։— Հիմա ես կկծկեմ այս թոկը ու նրա հետ կգնամ մանկական խաղադաշտ։
 
— Իսկ որտե՞ղ է մանկական խաղադաշտը,— հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
— Ցույց կտամ,— ասաց Ամաչիրը։
 
Նա արագ֊արագ կծկեց օդապարուկի թոկը եւ բոլորը միասին գնացին դեպի մանկական խաղադաշտ։
 
Մորեղբայր Թիկ֊Թակն ու Ամաչիրը քայլում էին առջեւից։
 
— Իսկ մենք քիչ էր մնում քեզ ագռավի տեղ դնեինք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Սեւ թիկնոցի պատճառով։ Նույնիսկ ուզում էինք խնդրել, որ շատ վեր թռչես ու տեսնես՝ չի՞ երեւում արդյոք ծիածանի վերջը։
 
Ձին ետ մնաց՝ խոտ ուտելու։ Իսկ Ռռռռն ու Գետաձին անշտապ գալիս էին։ Գետաձին փայլում էր երջանկությունից, որովհետեւ Պստիկ֊Ամպիկը սահում էր ճիշտ նրա գլխավերեւում ու անձրեւ էր տեղում։ Ոչ թե պատահական մեկի, այլ հենց նրա՝ Գետաձիու վրա։ Իսկ ո՞ւմ հայտնի չէ, որ գետաձիները սիրում են անձրեւը բադերից ու վագրերից ոչ պակաս։
 
Մանկական խաղադաշտում բազմաթիվ ճոճեր կային ու մի բլրակ՝ ցած սահելու համար։ Խաղադաշտի մի կողմում բարձր պատ կար։ Այնքան բարձր, որ այն կողմ նայելն անհնարին էր։
 
— Իսկ ես կարող եմ պատից այն կողմ նայել,— պարծեցավ Ամաչիրը։— Ես ու Գետաձին մի խաղ ենք հորինել։ Տեսե՛ք։
 
Նա վրայից հանեց սեւ թիկնոցը, փաթաթեց ու դրեց տախտակի մի ծայրին՝ բարձի փոխարեն, ու նստեց վրան։ Գետաձին մոտեցավ տախտակի մյուս ծայրին եւ թափով ընկավ վրան։
 
Ամաչիրը շատ բարձր թռավ օդ, այնքան բարձր, որ հաջողվեց նայել պատի մյուս կողմը։
 
— Ի՜նչ բարձր է,— գոչեց նա։— Ես մի Ձի եմ տեսնում։ Նա գալիս է այս կողմ։
 
Նրանք երկար ժամանակ խաղացին այդ խաղը, հետո Ռռռռն ուզեցի մի քիչ ճոճվել։
 
Վերեւ֊ներքեւ։ Վերեւ֊ներքեւ։
 
— Կանգնի՛ր,— հանկարծ գոչեց Ռռռռը։— Չիկարելին ու Միարան այստեղ են գալիս։ Ձեռքներին էլ ինչ֊որ բան կայ֊ բայց լավ չեմ տեսնում, թե ինչ։
 
— Որ այդպես է, ես փախչեմ ու թաքնվեմ,— վախեցավ Ամաչիրը։— Փախչենք, Գետաձի։
 
— Գետաձի, միայն թե մի անգամ էլ նստիր տախտակի ծայրին, շատ եմ խնդրում,— ասաց Ռռռռը։— Ուզում եմ տեսնել, թե ի՞նչ կա նրանց ձեռքին։
 
Գետաձին ընկավ ճոճի վրա եւ Ռռռռը թռավ դեպի օդ։
 
— Ի՞նչ կա դրանց ձեռքին,— հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Բայց այդ պահին վախեցած Ամաչիրը նստեց Գետաձիու մեջքին եւ փախավ գնաց։
 
— Ի՞նչ է, Ռռռռ,— հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
— Ճենապակե Շնիկը,— գոչեց Ռռռռը։— Նրանք հափշտակել են Ճենապակե Շնիկին։
 
==Տասնութերորդ գլուխ==
 
<b>հետապնդում</b>
 
Մորեղբայր Թիկ֊Թակը երկար֊բարակ չմտածեց։
 
— Արա՛գ,— հրամայեց նա։— Ձի, վազիր դեպի նավակն ու ստուգիր, արդյոք բան չի՞ պատահել Չալտիկ Հավիկին։ Ամպիկ, հետեւից Ձիուն։ Իսկ ես ու դու, Ռռռռ, չարամիտների ետեւից հիմա չենք գնա։ Թե չէ, մեկ էլ տեսար, նրանք մի վատ բան կանեն Ճենապակե Շնիկի հետ։ Բացի այդ, մութն էլ վրա կհասնի, եւ մենք, միեւնույն է, կկորցնենք նրանց հետքը։ Ուստի, դու մնա այստեղ եւ թույլ տուր, որ քեզ էլ հափշտակեն։ Կձեւացնես, թե թաթդ վնասվել է։ Իսկ ես քո պոչին բրդյա թել կկապեմ… ահա…
 
Եվ մորեղբայր Թիկ֊Թակը իր բրդյա հնամաշ ջեմպրի թեւքից մի երկար թել քաշեց։ Ռռռռը վազեց դեպի ծառերը, իսկ մորեղբայր Թիկ֊Թակը ձեռքը բարձրացրեց, որ թելը կարողանա ազատ արձակվել ու վազել Ռռռռի հետեւից։
 
— Ես կպահեմ թելի ծայրը եւ քեզ չեմ կորցնի նույնիսկ մթան մեջ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Երբ չարամիտները մոտեցան, Ռռռռը թաթը սեղմեց մարմնին, իբրեւ թե շատ է ցավում։
 
— Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ,— հեծկլտաց նա։— Իմ խեղճ թաթ… հիմա ինչպես եմ վազելու։ Ո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւ…
 
— Ֆյոթ,— սուլեց Չիկարելին, որը բռնել էր Ճենապակե Շնիկին։— Սա հո այն գարշելի վագրն է։ Թաթն է վնասել։ Հիմա սրան էլ կբռնենք։ Հա֊հա… Հապա, վերցրու…
 
Եվ նա Միարային նետեց դատարկ պարկը։ Միարան գաղտագողի մոտեցավ Ռռռռին ու, հո՛փ… պարկը գցեց վագրի գլխին։
 
— Բռնեցինք,— բղավեց նա։— Հա֊հա֊հա…— Ես պարկը ամուր կապեց․ Ռռռռն էլ ձեւացնում էր, թե դիմադրում է։
 
Ռռռռի պոչին կապած բրդե թելը չարամիտները չնկատեցին․ չնկատեցին նաեւ մորեղբայր Թիկ֊Թակին, որ թաքնվել էր մանկական խաղադաշտում։
 
Հետո չարամիտները փախան գնացին։
 
— Ո՜ւֆ, ինչ ծանր վագր է,— գանգատվեց Միարան։
 
— Քիչ փնթփնթա, շտապիր,— ասաց Չիկարելին։— Վայ… — Գոչեց նա, որովհետեւ Ճենապակե Շնիկը խածնեց ձեռքը։
 
Ստիպված կանգ առան ու թոկից դնչկալ սարքեցին նրա համար։
 
Մորեղբայր Թիկ֊Թակի թեւքից բրդյա թելը քանդվում էր ու քանդվում, հետո սկսեց քանդվել օձիքը եւ որպեսզի թելը չխճճվի, մորեղբայր Թիկ֊Թակը հոլի պես պտտվում էր տեղում։ Պտտվեց, պտտվեց, մինչեւ որ Ջեմպրը լրիվ քանդվեց։ Հետո նա բռնեց թելի ծայրն ու քայլեց ետեւից։ Հանկարծ թելը թուլացավ։
 
«Թելը կամ կտրվել է, կամ քանդվել է Ռռռռի պոչից, կամ էլ նրանք արդեն տեղ են հասել»,— չգիտեր ինչ ենթադրեր մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Նա թելի ծայրը կապեց ծառին, որպեսզի դյուրին լիներ վերադարձի ճանապարհը գտնելը, եւ թելից բռնած, շարունակեց քայլել։
 
Բայց քիչ անց այնպես մթնեց, որ նա ստիպված եղավ սպասել լուսնի դուրս գալուն։ Լուսնի լույսի տակ քայլելն ավելի դյուրին էր։
 
Վերջապես անտառի խորքում նա մի տուն տեսավ, որի վերին հարկի պատուհանում լույս էր վառվում։ Բայց, մինչ մորեղբայր Թիկ֊Թակը նայում էր, լույսը մարեց։ Թելը տանում էր ուղիղ դեպի այդ տունը։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը մոտեցավ։ Թելը նրան նկուղ տարավ։ Նա բացեց կոտրված բռնակով ու առանց փականի դուռը եւ թելի ետեւից մի քանի աստիճան ցած իջավ։ Այստեղ, հատակին գալարվում էր թոկով կապված պարկը։
 
— Շշշշշշ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես եմ։ Եվ քանդեց պարկը։
 
— Որտե՞ղ է Ճենապակե Շնիկը,— շշուկով հարցրեց նա։
 
— Երեւի իրենց հետ տարել են վերեւ, ննջարան,— շշուկով պատասխանեց Ռռռռը։
 
— Ուրեմն, պետք է վեր բարձրանալ ու շնիկին այնտեղ որոնել։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը զգուշորեն դուրս ելավ նկուղից եւ շուրջը նայելով, նկատեց, որ խոհանոցի պատուհանը ամուր չի փակված։ Մեծ զգուշությամբ բացեց փեղկը, հետո բարձրացրեց Ռռռռին։ Վագրը անաղմուկ տուն մտավ։ Նրա ետեւից վեր մագլցեց նաեւ մորեղբայր Թիկ֊Թակը։ Նա գտավ սանդուղքն ու բարձրացավ։ Իսկ Ռռռռը ցածում սպասեց նրան։ Շատ մութ էր, եւ մորեղբայր Թիկ֊Թակը քիչ մնաց դիպչեր վերին հարկում դրված աթոռին։ Ննջարանի դուռը կիսաբաց էր։ Նա ներս նայեց։ Լուսինը լուսավորել էր Չիկարելուն ու Միարային, որոնք քնել էին երկտեղանոց հնաոճ մահճակալի վրա, որը զբաղեցնում էր գրեթե ամբողջ սենյակը։ Իսկ սենյակի հեռավոր ծայրին, բուխարիկի վրա դրված էր պատի պալտերին կապած Ճենապակե Շնիկը։ Նրա բերանը խծուծ էին խցկել։
 
«Որպեսզի հասնեմ նրան, պետք է անցնեմ մահճակալի վրայով,— մտածեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մեկ էլ տեսար, հանկարծ կարթնանան։ Հըմ… Ես ուրիշ կերպ կվարվեմ»։
 
Նա դուրս եկավ ննջարանից, աթոռը դրեց տեղը, սանդուղքի ծայրին ու զգույշ ցած իջավ։
 
— Լսի՛ր, Ռռռռ,— շշնջաց նա։— Հիմա ես նորից վեր կելնեմ ու կթաքնվեմ ննջարանի դռան հետեւը։ Իսկ դու մնա այստեղ ու կատվի պես մլավիր։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը դեռ չէր հասցրել բարձրանալ, երբ լսեց․
 
— Մյաո՜ւ։ Մյաո՜՜ւ։ Մյաո՜՜՜ւ։…
 
Ռռռռն էլ մլավում։
 
Չիկարելին արթնացավ։
 
— Ցածում ոնց որ թե կատու է մլավում,— զարմացավ նա։— Միարա, արթնացիր։
 
— Մյաո՜ւ։ Մյաո՜՜ւ։ Մյաո՜՜՜ւ։
 
— Ուֆ, դու, անիծված… Միարա, քշիր դրան։
 
Միարան փնթփնթալով ելավ անկողնից ու սկսեց իջնել սանդուղքներով։ Երբ նա արդեն ցածում էր, մորեղբայր Թիկ֊Թակը հրեց աթոռը։ Աթոռը աղմուկ֊աղաղակով աստիճաններով ցած գլորվեց։
 
Թը՜մբ, չը՜խկ, թըրը՜խկ…
 
— Գրողը տանի,— մռթմռթաց Չիկարելին։— Միարան երեւի ցած ընկավ սանդուղքից։
 
Նա ելավ անկողնից, խալաթն առավ ուսերին եւ գնաց տեսնելու, թե ինչ պատահեց։
 
Իսկ մորեղբայր Թիկ֊Թակը մտավ ննջարան, անցավ մահճակալի վրայով եւ արձակեց Ճենապակե Շնիկին։
 
— Շշշշշշ։ Կամաց։
 
Բայց հենց ուզում էր դուրս գալ, Չիկարելին ու Միարան վերադարձան։
 
Նա պպզեց ու թաքնվեց, մինչ չարամիտները փնթփնթալով ու դժգոհելով մտան անկողին։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը երկար սպասեց, մինչեւ նրանք քնեցին։ Վերջապես, Չիկարելին սկսեց խռմփացնել։ Թվում էր, թե Միարան նույնպես քնած է, թեեւ հաստատ ասել հնարավոր չէր։
 
Բաց պատուհանից մորեղբայր Թիկ֊Թակը փոքրիկ մի պատշգամբ տեսավ, որը ծածկված էր թավ սաղարթով։ Դեպի պատուհան կարելի էր գնալ նույնպես մահճակալի վրայով։ Նա Ճենապակե Շնիկին դրեց ծոցը, կոճկեց բոլոր կոճակները եւ մեծ զգուշությամբ սկսեց սողալ մահճակալի վրայով։
 
Հանկարծ Միարան արթնացավ ու բռնեց նրա ոտքը։
 
— Չիկարելի, արթնացիր,— գոչեց նա։— Ես գող եմ բռնել։
 
Վայրկյան անգամ չկորցնելով, Մորեղբայր Թիկ֊Թակը թեքվեց, սավանի վրայից բռնեց Չիկարելիի ոտքն ու որքան ուժ ուներ սեղմեց։
 
— Վա֊ա՜յ…— գոռաց Չիկարելին։— Թո՛ղ… Հիմար, ախր իմ ոտքն ես բռնել։
 
Միարան բաց թողեց մորեղբայր Թիկ֊Թակի ոտքը։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը ցատկեց մահճակալից դեպի պատուհանը, ելավ պատշգամբ եւ սաղարթախիտ բույսի բարալիկ բներից կառչած, ցած սահեց։
 
— Ռռռռ, մոտ եկ,— կամացուկ կանչեց նա։
 
Ռռռռը մոտ վազեց, եւ հաջորդ րոպեին նրանք Ճենապակե Շնիկի հետ փախչում էին լուսնի լույսով ողողված անտառով։
 
Իսկ Չիկարելին տրորում էր ոտքը։
 
— Օօօօ՜։ Ուուուուո՜ւ։ Ոնց է ցավում,— հեծկլտում էր նա։— Ինչո՞ւ այդպես սեղմեցիր ոտքս։
 
— Ես չէի, այլ գողը,— ասաց Միարան։— Քո ոտքը սավանի տակ էր, իսկ նրանը՝ սավանի վրա։
 
— Հապա ինչո՞ւ բաց թողեցիր,— ասաց Չիկարելին։
 
— Դու ինձ շփոթեցրիր,— ասաց Միարան։— Տե՛ս, Ճենապակե Շնիկը չկա։
 
Չիկարելին վերջնականապես գազազեց։
 
— Գլխումդ խելք չկա։ Մի՛արա։
 
— Հիմարը դու ես,— պատասխանեց Չիկարելին։
 
Այստեղ նրանք բանակռվից անցան տուրուդմփոցի։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը, Ռռռռը եւ Ճենապակե Շնիկը լսեցին, թե ինչպես են աղմկում չարամիտները, բայց որքան հեռանում էին տնից, այնքան ավելի ու ավելի էր մարում նրանց տուրուդմփոցի ձայնը։ ՎԵրջապես, կատարյալ լռություն տիրեց։ Փախստականները դուրս եկան անտառից ու հայտնվեցին մանկական խաղադաշտից քիչ հեռու։ Ճիշտ այնտեղ, որտեղ չարամիտները բռնել էին Ռռռռին։ Եվ հեշտությամբ գտան դեպի նավակ տանող ճանապարհը։
 
Թե՛ Չալտիկ Հավիկը, թե՛ Ձին եւ թե՛ Պստիկ֊Ամպիկը ողջ եւ առողջ էին։ Արդեն լույսը բացվում էր։ Մորեղբայր Թիկ֊Թակը սկսեց նայել, թե ինչպես են երկնքում մարում աստղերը։ Պստիկ֊Ամպիկը ժամապահի պես հսկում էր շրջապատը։
 
— Մենք դարձյալ միասին ենք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Ձին կանգնել էր մարգագետնում, խոտի դեզի մոտ եւ ոտքի վրա էլ քնել էր։
 
— Եկեք մենք էլ մի երկու ժամ քնենք,— առաջարկեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ու երբ արթնանանք, արդեն արեւը ծագած կլինի։
 
Նրանք պառկեցին, փակեցին աչքերն ու խորը քուն մտան։
 
==Տասնիններորդ գլուխ==
 
<b>դարձյալ տանը</b>
 
Առաջինն արթնացավ մորեղբայր Թիկ֊Թակը։ Եվ գետափին տեսավ Ամաչիրին, որը նստած, ոտքերն էր չփչացնում ջրի մեջ։
 
Նա մեկ֊մեկ նայում էր ետ ու հռհռում։ Նկատելով, որ մորեղբայր Թիկ֊Թակն արթնացել է, նա աղմուկով ու ջրի ցայտեր բարձրացնելով, լողաց դեպի նավակը։ Մորեղբայր Թիկ֊Թակը ամուր գրկեց նրան։
 
— Իսկ որտե՞ղ է քո Գետաձին,— հարցրեց նա։
 
Հեռու֊հեռվում նրանք տեսան սեւ թիկնոցով երկու վազող կերպարանքների, որոնց հետապնդում էր գետաձին։
 
— Նրանք այլեւս քեզ չեն նեղացնի,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Միացիր մեզ, Ամաչիր։ Նստիր նավակ։
 
— Իսկ Գետաձիուն էլ կարելի՞ է,— հարցրեց Ամաչիրը։
 
— Թերեւս նավակի մեջ չտեղավորվի,— փոքր֊ինչ մտածելով պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Դու նրանից չես ուզում բաժանվել, հա՞…
 
— Իհարկե, չեմ ուզում,— պատասխանեց Ամաչիրը։— Բայց ես գիտեմ, թե դու որտեղ ես ապրում։ Եվ անպայման հյուր կգանք։ Դուք ե՞րբ եք տուն վերադառնալու։
 
— Նախ պետք է ծիածանի վերջը գտնենք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Ամաչիրը զարմացավ։
 
— Մի՞թե չգիտես, որ ծիածանն այնտեղ է, որտեղ է ամպիկը։ Երբ Պստիկ֊Ամպիկը անձրեւ է տեղում պայծառ արեւի ժամանակ, բոլորը տեսնում են ծիածանին։ Պստիկ֊Ամպիկն է ծիածանով շողում։
 
— Վա՜յ, ինչ անխելքն եմ ես,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մենք ծիածան ենք որոնքում, իսկ նա միշտ եղել է մեր կողքին։ Եվ մտքներովս նույնիսկ չի անցել, որ կողքներիս է։ Հիշո՞ւմ եք, Տխուր թագավորն ու Հաստլիկ արքան ասացին․ «Տեսե՛ք, ծիածանը»։ Նրանք ծիածանը տեսան հենց այն ժամանակ, երբ Պստիկ֊Ամպիկը անձրեւ էր տեղում։— Եվ մորեղբայր Թիկ֊Թակը ծիծաղեց։
 
Ամաչիրն էլ ծիծաղեց նրա հետ։
 
— Սիրելի Պստիկ֊Ամպիկ,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Հիմա մենք կնավարկենք դեպի տուն։ Իսկ դու մինչեւ երեկո մնա այստեղ, ու երբ արեւը մայր մտնելիս լինի, անձրեւ տեղա, որպեսզի
 
<poem>
<i>
Այդ անձրեւի կաթիլներում
Ադամանդի պես զուլալ,
Տեսնենք կամար՝ լուրթ երկնքում
Ծիածանի վերջը վառ։
</i>
</poem>
 
Ես Ռռռռին ու բոլոր մյուսներին կպատմեմ քո մասին, ու երբ վերադառնաս, կջրես նաեւ մեր այգին, որպեսզի իմանանք, որ այդ դու ես վերադարձել։ Ցʼնոր տեսություն․ Պստիկ֊Ամպիկ։ Ցտեսություն, Ամաչիր։
 
Պստիկ֊Ամպիկը շատ գոհ էր։ Նա գիտեր, թե որտեղ է ծիածանի վերջը եւ շատ էր ուզում, որ մյուսներն էլ կռահեն։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը ձեռքն առավ թիերն ու սկսեց թիավարել գետի հոսանքն ի վեր, սակայն առանց շտապելու եւ առանց աղմկելու, որպեսզի ընկերներին չարթնացնի։
 
Գետափին, նրա մոտով դարձյալ սահեցին֊անցան Սուլթանի այգին, Հաստլիկ արքայի եւ թագավորական պալատները։
 
Թագուհին զբոսնում էր այգում, եւ մորեղբայր Թիկ֊Թակը գլխարկը հանեց ու օդային համբույր ուղարկեց նրան։
 
Նավակն անցավ այն վայրով, որտեղ նրանք հանդիպեցին չարամիտներին։ Հետո անցավ Բառերի Գետի, Թվաբանության Աշխարհի եւ այն փոքրիկ տան մոտով, ուր բուխարիկի մոտ տաքանում էին Այբուբենի տառերը։ Հետո անցավ խոշր ու գորշ լեռան մոտով, որը ծանր հեւում էր։
 
«Երեւի Բրոնտին քնած է»,— մտածեց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Վերջապես, նրանք տուն հասան։ Նավակը դիպավ գետափնյա տախտակամածին եւ բոլորը ցնցումից արթնացան։
 
— Ոտքի ելե՛ք,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Տուն ենք հասել։ Գնանք կերակուր պատրաստելու։ Ռռռռ, վերցրու Ճենապակե Շնիկին։ Իսկ ես կվերցնեմ Չալտիկ֊Հավիկին ու ժամացույցը։
 
==Քասներորդ գլուխ==
 
<b>որտեղ Ռռռռը դառնում է այնպիսին, ինչպես առաջ էր</b>
 
Ճաշից հետո Ռռռռը հարցրեց․
 
— Իսկ ո՞նց ես ինձ դարձնելու այնպիսին, ինչպիսին առաջ էի։
 
— Շատ հասարակ,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Փոքրանալու համար դու Լ Ո Գ Ա Ն Ք ընդունեցիր։ Իսկ հիմա, որպեսզի մեծանաս, պիտի Ք Ն Ա Գ Ո Լ ընդունես։ Բարձրացիր վերեւ, լոգարանի սենյակ։ Սառն ու Տաքը քեզ կօգնեն։
 
— Կարելի՞ է, որ Ճենապակե Շնիկն էլ ինձ հետ գա։
 
— Իհարկե։ Չալտիկ Հավիկին էլ կանչիր։ Ձիուն էլ, եթե արդեն այստեղ է։ Իսկ Ճենապակե Շնիկին ինքս կբերեմ։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը վերցրեց շնիկին ու վեր բարձրացավ։
 
— Գիտե՞ք, թե ինչ եք անելու,— հարցրեց նա Սառին ու Տաքին։— Խնդրում եմ լոգարանը լցրեք, ու երբ Ռռռռը մտնի ջուրը, մենք խցանը կհանենք։ Մինչեւ ջրի դատարկվելը, Տաքը նրան Տ Ա Ի Ք Ե Հ կպատմի։
 
— Թ Ա Ի Ք Ե՞ Հ,— հարցրեց Սառը։— Իսկ ի՞նչ բան է դա։
 
— Թաիքեհ նշանակում է շրջած հեքիաթ,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Դու հիշո՞ւմ ես երեւի, թե ինչպես էր Ռռռռը պառկել լոգարանում եւ մինչեւ ջուրը լցվում էր, Տաքը նրան հեքիաթ էր պատմում։ Եվ Ռռռռը փոքրացավ։ Իսկ հիմա նա քնագոլ կընդունի, ու մինչ ջուրը դատարկվի, դու նրան թաիքեհ կպատմես։ Եվ նորից կմեծանա։ Հասկացա՞ր։
 
— Ի՜նչ ծիծաղեի է,— ասաց Տաքը։— Սառը, օգնիր, որ մի թաիքեհ հորինեմ։
 
— Դու ինձնից լավ ես հորինում,— ասաց Սառը։
 
— Հեքիաթ, բայց ոչ թե թաիքեհ,— ասաց Տաքը։— Շրջած հեքիաթ հորինել չգիտեմ։
 
— Լավ, կօգնեմ։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը մոտեցավ պատուհանին, որպեսզի Ռռռռին կանչի։ Իսկ Տաքն ու Սառը նրա թիկունքում շրջած հեքիաթ էին հորինում շշուկով։
 
— Մորեղբայր Թիկ֊Թակ,— գոչեց Ռռռռը։— Չալտիկ Հավիկն ասում է, որ ինքը ժամանակ չունի։ Նա պետք է փշրանքներ կտցահարի, իսկ հետո ուզում է մի հավկիթ ածել քո ընթրիքի համար։ Կարելի՞ է, որ նա չգա։
 
— Կարելի է,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
— Իսկ Ձին կգա, երբ տեսնի, վերջացնի իր բոլոր երազները։
 
— Լավ, Ռռռռ։ Եկ այստեղ։
 
Ռռռռը միանգամից մի քանի աստիճան ցատկելով, վեր բարձրացավ։ Տաքն ու Սառը արդեն գրեթե լիքը լցրել էին լոգարանը։ Մորեղբայր Թիկ֊Թակը խցանը հանեց եւ Ռռռռը մտավ ջրի մեջ։
 
— Դու խցանը հանեցիր, որպեսզի ես ոչ թե լոգանք, այլ քնագոլ ընդունեմ, չէ՞։
 
— Գուշակում ես, բայց ոչ լրիվ, Ռռռռ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Երբ Տաքն ու Սառը սկսեն քեզ թաիքեհ պատմել, դու կմեծանաս, կմեծանաս, եւ ջուրը եզրերից կարող է թափվել հատակին։ Ա Հ Ա թե ինչու եմ խցանը հանել։
 
— Հեքիաթի վերնագիրն է՝ «Արջերը երեք եւ Հրանունկը»,— ասաց Տաքը։
 
— Ճիշտ է,— հաստատեց Սառը։— «Արջերը Երեք եւ Հրանունկը»։
 
Եվ Տաքն սկսեց․
 
— Անունով Հրանունկ լինում է աղջիկ փոքրիկ մի լինում չի լինում է։
 
— Օգնում է,— ուրախացավ Սառը։— Դու ետեւից առաջ ես պատմում եւ վագրն էլ արդեն մի քիչ մեծացավ։— Սառը այնպես հուզվեց, որ շարունակությունը սկսեց ինքը պատմել․— … ու մի անգամ նա գնաց անտառ զբոսնելու։ Անտառի խորքում մի փոքրիկ տնակ տեսավ…
 
— Վայ, Սառը, ի՜նչ ես անում,— գոչեց Տաքը։— Շրջված պիտի պատմես։ Տես, Ռռռռը դարձյալ նստեց֊փոքրացավ։— Եվ Տաքը արագ֊արագ շարունակեց․— համար հոգու երեք դրված սեղան է սենյակում, որ տեսավ ու տուն մտավ աղջիկը… Ո՜ւֆ…
 
— Հիմա դուք Ռռռռին Շ Ա Տ մեծ դարձրիք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Ռռռռը այնքան էր մեծացել, որ լոգարանի եզրերից ջուրը սկսեց թափվել հատակին։
 
— Շարունակությունը պատմեք, ինչպես սովորաբար պատմում են, ու երբ փոքրանա այնքան, որքան պետք է՝ վերջացրեք։
 
— Այս րոպեին,— ասաց Տաքը։— Մի բարկացիր, Ռռռռ։
 
— Սեղանին դրված էին վարսակե շիլայով երեք պնակ…
 
— Հի՛֊հի՛… դու մոռացար աթոռների մասին,— ընդհատեց նրան Սառը։
 
— Հա՜, աթոռները։ Սեղանի մոտ դրված էր մի շատ մեծ աթոռ, հետո՝ միջակ աթոռ, իսկ երրորդ աթոռը… Օգնեցե՜ք, Ռռռռը նորից փոքրացավ։ Ահ, ինչ հիմար ծորակ եմ ես։ Ախր հարկավոր էր, որ նա շա՜տ քիչ նստի։ Հիմա, այս րոպեին… փոքր էր շատ աթոռը մի եւ պնակ երեք շիլայով վարսակե դրված էին սեղանին խոշոր…
 
— Օգնեցե՜ք,— ծղրտաց Ռռռը, որը դարձել էր խաղալիք արջուկի չափ։
 
— Ներիր ինձ,— շշնջաց Տաքը։— Սառը, դու պատմիր։— Տաքը ամոթից չգիտեր ինչ անի։
 
— Իմ փոքրի՜կ վագրիկ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը Ռռռռին։
 
Սառը շարունակեց շրջած պատմել, մինչեւ որ հասավ հայր֊արջի խոսքին․
 
Մ Ա Հ Ճ Ա Կ Ա Լ Ի՛ Ն ԻՄ Ք Ն Ե Լ Է Ո՞ Վ
 
Այստեղ Ռռռռը դարձավ այնքան, որքան պետք է լիներ, եւ մի ոտքը դուրս հանեց լոգարանից։
 
— Սպասեք, մինչեւ դուրս գամ,— գոչեց նա։
 
Նա դուրս ելավ լոգարանից ու նոր միայն շարունակեց պատմել Տաքը։
 
—… եւ մայր֊արջը ասաց․ «Ո՞վ է քնել իմ մահճակալին»։
 
Այդ պահին Ճենապակե Շնիկը ցած սահեց մորեղբայր Թիկ֊Թակի ձեռքից ու չլմփաց լոգարանի մեջ, որն արդեն գրեթե դատարկվել էր։ Տաքը շտապեց ավարտել իր հեքիաթը։
 
—… եւ փոքրիկ արջուկն ասաց․ «Ո՞վ է քնել իմ մահճակալին ու հիմա էլ դեռ քնած է»։ Ճիշտ այդ ժամանակ Հրանուկ անունով փոքրիկ աղջիկը արթնացավ ու…
 
Վա՜յ, Ճենապակե Շնիկը դարձավ այնքան փոքրիկ, որ սահեց խողովակի անցքի մեջ։
 
— Հիմա ինչպե՞ս ենք նրան փրկելու,— հուզվեց Ռռռռը։
 
— Մի հուզվիր,— հանգստացրեց նրան մորեղբայր Թիկ֊Թակը։— Հիմա մի բան կմտածենք։ Լոգարանի խողովակը խոհանոցի միջով անցնելով, դուրս է գալիս բակ, իսկ այնտեղ ցանց կա։ Ուստի եւ… այդ ո՞վ է։
 
ՍԱնդուղքի վրա ոտնաձայներ լսվեցին։
 
Թը՛փ։ Թը՛փ Թը՛փ։ Թը՛փ։
 
— Ձին է,— ուրախացավ Ռռռռը եւ դուռը բացեց։
 
Ձին գլուխը մտցրեց լոգարանի սենյակը եւ բոլորը նրա ատամների արանքում տեսան պստլիկ Ճենապակե Շնիկին, որին նա բռնել էր ամենայն զգուշությամբ։
 
Լոգարանի մեջ դրեք, շուտ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— եւ թող Տաքը հեքիաթ պատմի, որ նա մեծանա։ Միայն թե շրջված հեքիաթ, լսո՞ւմ ես, Տաք։ Եվ անմիջապես կլռես, հենց որ շնիկը դառնա այնպիսին, որքան պիտի լիներ։
 
Տաքը շարունակեց պատմել, հայացքը չհեռացնելով շնիկից։
 
— Պատուհանից ցատկեց դուրս եւ արջերին տեսավ…— Նա լռեց․ շնիկը դարձել էր այնպիսին, որքան պետք է լիներ։
 
— Ճենապակե Շնիկ,— ուրախացավ մորեղբայր Թիկ֊Թակը եւ շնիկին սեղմեց կրծքին։— Ամեն ինչ կարգին է։— Ո՛չ ճաքեր կան եւ ո՛չ էլ քերծվածքներ։ Ի՜նչ ուրախ ենք, որ դու անվնաս ես, Ճենապակե Շնիկ։
 
— Թույլ տվեք, որ մեր հեքիաթն ավարտենք,— խնդրեց Տաքը։
 
— Իհարկե,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— միայն թե ինչո՞ւ չեք ուզում միասին ավարտել։
 
Տաքը նայեց Սառին։
 
— Սկսիր,— ասաց Սառը։— Հաշվիր․ «Մեկ, երկու, երեք» եւ միասին կսկսենք։ Միայն թե ես շրջված եմ պատմելու։
 
— Լավ,— համաձայնեց Տաքը։
 
— Մեկ,
 
:::երկու,
 
:::::երեք—
 
եւ վազեց տուն
 
տուն վազեց եւ
 
Վերջ։
 
։վրեՎ։
 
— Շնորհակալություն, Տաք եւ Սառը,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ինչ հաճելի է, որ Ռռռռը նորից դարձավ իսկական վագր։— Նա շոյեց Ռռռռին եւ որպես պատասխան Ռռռռը մռլտաց։
 
— Իսկ հիմա հեքիաթ պատմելու հերթն իմն է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Միայն թե այստեղ շատ նեղվածք է։ Ձի, դու գրեթե ամբողջ սենյակը զբաղեցրել ես։ Լավ կլինի, նստես լոգարանի մեջ։ Նստիր, մի վախենա… խոստանում եմ, որ չես փոքրանա։
 
— ոչ թե դու, այլ մենք ենք խոստանում,— միասին ասացին Սառը եւ Տաքը։
 
Ձին նստեց լոգարանի մեջ, իսկ ծորակները մի քիչ ջուր լցրեցին, որ նրա համար տաք ու հաճելի լինի։
 
— Հարմա՞ր է։
 
Ձին գլխով արեց։
 
— Ուրեմն, սկսում եմ։
 
==Քսանմեկերորդ գլուխ==
 
<b>ծիածանի վերջը</b>
 
— Լինում է, չի լինում, երկնքում մի ծիածան է լինում։ Մի անգամ նա այսպես մտածեց․
 
«Երանի կարողանայի տեսնել, թե մարդիկ եւ գազանները ինչպես են ապրում երկրի վրա։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Ժամանակի Գետով հոսանքն ի վեր կբարձրանամ։ Եվ դա կլինի հիանալի միջ… միջ… ար… արկած»։
 
— Ծիածանը երեւի ուզում է ասել միջ… միջ…
 
— Միջոցառո՞ւ, Ռռռռ։
 
— Այո։
 
— Իհարկե, ավելի շուտ՝ միջոցառում։
 
— Միայն թե բառը չգիտեր, հա՞։ Իսկ ես գիտեմ՝ միջոցառում։
 
— Ճիշտ է, Ռռռռ։ Հա, ուրեմն… Ծիածանը ճանապարհ ընկավ։ Առաջինը, որ նա տեսավ, մի նավակ էր, իսկ նավակի մեջ՝ վագր։ Փոքրիկ վագր։ «Երեւի լոգանք ընդունելուց է այդպես փոքրացել»— մտածեց ծիածանը։
 
— Իմ մասին է,— ասաց Ռռռռը։— Ես լոգանք ընդունեցի ու փոքրացա։
 
— Նավակում մի մարդ էլ կար։
 
— Դո՞ւ։
 
— Այո։ Ու մեկ էլ Չալտիկ Հավիկը եւ Ճենապակե Շնիկը։
 
— Նրանք…
 
— Մի ընդհատիր, Ռռռռ… Ծիածանը շարունակեց նավարկել եւ մարգագետնում տեսավ Ձիուն։
 
— Մե՞ր Ձիուն։
 
— Այո։ Իսկ հետո, նրա կողքով մի գնացք անցավ, որի վագոնի տանիքին կենգուրու էր նստած։ Ծիածանը նավարկեց, նավարկեց, եւ վերջապես տեսավ սեւազգեստ երկու կերպարանք։
 
«Թուհ»— ասաց մեկը։
 
«Փըշտ»— ասաց մյուսը։
 
«Ամաչիր»— ասած ծիածանը։
 
— Ճիշտ չէ,— ասաց Ռռռռը։ Ամաչիրը բոլորովին նման չէ չարամիտներին։ Ամաչիրը լավն է, ես նրա հետ ընկերություն եմ անում։
 
— Ճենապակե Շնիկ, իսկ դու հիշո՞ւմ ես չարամիտների անունները,— հարցրեց մորեղբայր Թկի֊Թակը։
 
— Հաֆ,— պատասխանեց Ճենապակե Շնիկը։— Չիկարելի։
 
— Ճիշտ է։ Իսկ մյուսինը։
 
— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը չորսն է։
 
— Ուրեմն, մոռացել ես։ Մյուսի անունը Միարա էր։ Իսկ հետո ծիածանը հասավ գեղեցիկ պալատին։ Պատուհանից տեսավ, որ գահին նստել է Սուլթանը, իսկ նրա կողքին՝ փոքրիկ մկնիկը, ու պանիր է ուտում։
 
— Դիկկերի՞ն էր։
 
— Այո, Ռռռռ։ Դիկկերին էր, իհարկե։
 
«Վատ չէր լինի, եթե զրուցեի այդ մկնիկի հետ»— մտածեց ծիածանը եւ մոտեցավ պալատի շքամուտքին։
 
Բայց դուռը բացվեց եւ երեք աղջիկները շեմքից գոչեցին․
 
«Ցտեսություն, ցտեսություն, ցտեսություն, թանկագին ծիածան»։
 
«Ցտեսությո՞ւն… Ցտեսությո՜ւն,— ասաց ծիածանը։ —Ի՞նչ արած, երեւի, իսկապես, չարժե, որ այստեղ ժամանակ կորցնեմ»։
 
Երբ նա հեռացավ պալատից, օրն արդեն մթնում էր։ Բայց մայր մտնող արեւը դեռ լուսավորում էր մի քիչ, եւ գետափին ապրող մարդիկ տեսան ամբողջ երկնակամարով մեկ կամար կապած ծիածանին։ Տներում վառվեցին առաջին ճրագները, եւ հենց որ արեւը մայր մտավ, ծիածանն էլ մարեց։ Բայց նախքան մարելը, նա տներից մեկի պատուհանից ներս նայեց ու տեսավ մի մարդու, որը լոգարանի սենյակում նստած հեքիաթ էր պատմում վագրին, Ճենապակե Շնիկին, Ձիուն ու երկու շատ գեղեցիկ ծորակներին։
 
Տաքը ծիծաղեց։
 
— Սուս,— ասաց Սառը։— Խնդրում եմ, շարունակությունը պատմիր։
 
Բայց այդ պահին փայլուն ծորակների վրա արտացոլվեց երկնքի մի կտոր եւ լոգարանի սենյակը փայլեց ծիածանի բոլոր գույներով։
 
— Ծիածա՜նը,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Ռռռռը փորձեց թաթով բռնել ծիածանի գունավոր շերտերը։
 
— Բարեւ, ծիածան,— ասաց որեղբայր Թիկ֊Թակը։— Ինչպե՞ս ես։ Իսկ ես հենց նոր քո մասին հեքիաթ էի պատմում։ Մի շտապիր, մնա, միասին կընթրենք։
 
Նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ ծիածանը սկսեց դժգունել, դժգունել, եւ հետո բոլորովին մարեց։
 
— Սա էլ՝ ծիածանի վերջը,— ասաց մորեբայր Թիկ֊Թակը։— Եվ իմ հեքիաթն էլ վերջացավ։ Իսկ հիմա եկեք սրբենք, չորացնենք Ձիուն, իսկ հետո միասին նստենք բուխարիկի մոտ։
 
Նրանք մի լավ չորացրին Ձիուն եւ իջան ցած։ Հանկարծ դռան բախոց լսվեց։ Ռռռռը վազեց դուռը բանալու։
 
— Ամաչիրն է,— գոչեց նա։— Եվ Գետաձին։ Համեցե՜ք… մտե՛ք։
 
Բոլորը նետվեցին ողջագուրվելու հյուրերի հետ։ Հետո տեղավորեցին բուխարիկի դիմաց։ Իհարկե, մի քիչ նեղվածք էր․ պատկերացրեք, որ սենյակում լինեն ե՛ւ Ձի, ե՛ւ Գետաձի, ե՛ւ Ռռռռը, որը նորից դարձել էր իսկական վագր։ Նեղվածք էր, բայց բոլորն էլ գոհ էին եւ ուրախ զրուցում էին։
 
Քիչ անց նրանք լսեցին անրձեւի ձայնը։
 
Մորեղբայր Թիկ֊Թակը մոտեցավ պատուհանին։
 
— Պստիկ Ամպիկն է,— ասաց նա։— Տուն է վերադարձել։
 
Շուտով անձրեւը ընդհատվեց։ Եվ բակից լսվեց․
 
— Կըրթ֊կըրթ֊կըրթ֊կըրթ֊կըրթ֊կըրթ։
 
Չալտիկ Հավիկը մորեղբայր Թիկ֊Թակի համար հավկիթ էր ածել։
 
— Շնորհակալ եմ, Չալտիկ Հավիկ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
 
Հետո մոտեցավ հեռախոսին եւ հավաքեց Եչ Վեվ Կեն 1234 թիվ։
 
— Իմ Երեւակայությո՞ւնն է,— հարցրեց նա։
 
— Այո,— պատասխանեցին լսափողից։— Միջոցառումը հաճելի՞ էր։
 
— Շա՜տ… Շնորհակալ եմ։ Հենց քիչ առաջ Ծիածանը հյուր էր եկել։
 
— Այդպես էլ ենթադրում էի,— ասաց Երեւակայությունը։
 
— Չալտիկ Հավիկը եւ Ճենապակե Շնիկը, Ձին, Պստիկ֊Ամպիկը, Տաքը, Սառը, Ամաչիրը, Գետաձին եւ Ռռռռը քեզ ջերմորեն ողջունում են։ Հա, Պստիկ֊Ամպիկն էր ծիածան կապել…
 
— Մի տես, է՜…— ասաց Երեւակայությունը։— Իսկ ես ենթադրում էի, որ միգուցե… միգուցե… միգուցե… լավ, բոլորին հաղորդիր իմ ջերմ ողջույնները։ Ցտեսություն։
 
— Կհաղորդեմ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ցտեսություն։
 
Նա բակ ելավ հավկիթը վերցնելու, որ նրա համար ածել էր Չալտիկ Հավիկը։
 
— Օ՜, դեղին է,— ուրախացավ նա։— Շա՜տ շնորհակալ եմ։
 
Եվ գնաց ընթրելու։
 
<i>Վերջ</i>
Վստահելի
177
edits