}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
::::::''Ամենասիրելի վարպետ Ավետիք Իսահակյանին''
== Գլուխ երկրորդ ==
'''1'''
Բոստանչին, որի աղբյուրն այժմ հոսում էր անընդհատ ու միշտ, նստել էր փողոցում՝ իր բոստանի դարպասի մոտ և նայում էր անցնող֊դարձող մարդկանց։ Պայծառ կիրակի ցերեկ էր և շատ գյուղացիներ, սայլերով կամ հետիոտն, գալիս֊անցնում էին գյուղերից դեպի քաղաք՝ շուկաները։ Իսկ քաղաքի կողմից գերեզմանոց էին գնում սև հագած կանանց փոքր ու մեծ խմբեր։
Նայում էր բոստանչին նրանց բոլորին, բայց ըստ երևույթին նրան ոչինչ չէր հետ աքրքրում, նրա միտքը ոչինչ չէր զբաղեցնում։
Ինչո՞ւ էր մնացել նա այդտեղ կիրակի օրով։ Ինչո՞ւ չէր գնացել քաղաք, որտեղ իրենց խանութների փակ դռների մոտ հավաքված կամ ղայֆախանաներում նստոտած, զրույց էին անում ծանոթ արհեստավորները։ Նա կարող էր գնալ քաղաքի հյուսիսում գտնվող Ձիթողցոնց Զաբոր կոչվող զբոսավայրը, որտեղ կիրակի օրերը համարյա ողջ քաղաքն էր լինում։ Նա կարող էր գնալ նվիրական Ախուրյանի ափը, որտեղ հովասուն ծառերի տակ խնջույք էին անում իր հասակակից արհեստավորները, և լողանում էին գեղեցիկ կազմվածքով երեխաներ։ Վերջապես նա կարող էր գնալ տուն, որտեղ նրան սպասում էր նրա ընտանիքը։ Բայց նա չէր գնում ոչ մի տեղ, և նրա դեմքը թախծոտ էր։ Ըստ երևույթին նա ծանր մտքեր ուներ և ուզում էր մնալ մենակ։
Քաղաքի կողմից երևաց մահվան թափոր։ Ժողովուրդը, բոստանների զույգ պատերի միջև սեղմված, գալիս էր դանդաղաքայլ և բերում էր մի թանկարժեք դագաղ։ Թափորի առջևից դալիս էին յոթ քահանաներ՝ ոսկեկար դեղին և կարմիր շուրջառներով։ Երկու տիրացուներ բուրվառում էին, շատ այլ տիրացուներ բերում էին խաչվառներ, սրբապատկերներ։
Բոստանչին նայեց թափորի կողմը և փորձեց հիշել, թե ո՛վ պիտի լիներ արդյոք այդ հարուստ մեռելը։ Երբ հիշեց՝ նա արհամարհանքով շարունակեց նստած մնալ և նույնիսկ շափխան չհանեց։ Գլխավոր քահանան, որ մյուս քահանաների հետ միասին սաղմոս էր երգում, բոստանչու մոտով անցնելիս աչքերը բարկացած չռեց նրա վրա և ավելի բարձր երգեց։ Տիրացուն սպառնագին բուրվառեց բոստանչու երեսն ի վար և առաջ անցավ։ Բայց բոստանչին ուշադրություն չդարձրեց նրանց վրա։ Իսկ երբ նրա մոտով անցկացրին դագաղը, նա բարձրաձայն հորանջեց և ասաց՝ «փառք ասսու»՝ ինչպես ասում են հորանջելիս։
Դագաղի ետևից գալիս էին լացող տիկիններ՝ սև վուալներով և մինչև արմունկները հասնող սև ձեռնոցներով, գալիս էին փոդպատավոր պարոններ՝ շլյապաներ դրած։ Նրանց ետևից գալիս էին գործակատարներ և ընդհանրապես հասարակ ժողովուրդ։ Թափորի ետևից գալիս էին մուրացկաններ՝ չդաբաղած կաշվե տոպրակները փոկերով մեջքներից կախած։ Իսկ ամենից վերջում, զույգ-զույգ, գալիս էին բազմաթիվ դատարկ կառքեր։
Երբ մուրացկաններն անցան և կառքերի առաջին զույգը հավասարվեց բոստանչուն, նա վեր կացավ աթոռից և ձայն տվեց մուրացկաններին․
— Մելքոն, Ավետիս, Առաքել հայրիկ․․․
Մի ծեր և երկու խեղանդամ ետ նայեցին։
— Ձեզի հետ եմ։ Էն ախպորս էլ իմաց տվեք, էն քուրոջս էլ։ Ետ դարցեք էկեք, բան պիտի ըսեմ․․․
Մուրացկանները մոտեցան և բարևեցին։
— Ամոթ չէ՞, ախպրրտինք, մարդ էլ էդոնց դագաղի ետևեն էրթա՞։
— Ի՞նչ էնենք, Երանոս ախպեր,— արդարացավ երկու աչքով կույր ու ծաղկատար մի երիտասարդ,— ուրախութան օրը մեզի մտեհան կէնեն, ըսինք գոնյա սգի վախտը մտներն ընկնինք․․․
— Հաստատ օր ջաել ես,— ներողամիտ ձպտաց բոստանչին։— Տե, ախպրտինք, էսօր դուք իմ ղոնախս եք։ Մտեք բոստանս, քաղեք՝ ինչ օր սրտներդ կուզե։ Ում տոպրակն օր լիքը լցված չէղավ՝ էնոր դուս չեմ թողնե։
— Ասպած քեզի երկան արև տա, Երանոս որդի,— սկսեց օրհնել ծերը,— ջուխտ ապրիս, մե բարձի ծերենաս․․․
Բոստանչին ծանր հառաչեց․
— Էդպես մի ըսե, հայրիկ։ Դուն էլ քույրիկ, էդպես մի ըսե։ Դուք ամմենքդ էլ ձեր արդար բերնով մե֊մե բերան ասսուն աղաչեք, օր մուրազս կատարե։ Ուրիշ բան չեմ ուզե։ Տե, մտեք նես․․․
Մուրացկանները մտան բոստան, իսկ Երանոսը մնաց իր տեղում կանգնած, աչքերը գետնին հառած, անորոշ մտածելով։ Փողոցի դեղնավուն փոշու մեջ խորը դրոշմվել էին մարդկանց և ձիերի խառնիխուռն ոտնահետքերը։ Եվ հանկարծ այդ փոշու միջով արագ մոտեցան մի գույգ ոտքեր։ Երանոսը ճանաչեց կանացի կանաչագույն կիսակոշիկները, ցնցվեց և նայեց վերև։
Գալիս էր թրքուհին։
Երանոսը կտրեց նրա առաջը․
— Բաջի՛․․․
Թրքուհին, չադրայով խուլ փաթաթված, կտրուկ կանգ առավ, ապա իսկույն, արագ ու բարկացած շարժումով, առաջ անցավ։ Երանոսը վերադարձավ դեպի պատը և փլվեց աթոռի վրա։
Քիչ հետո դարպասի դռնակը բացվեց և մուրացկանները դուրս ելան։
— Ձեզի չըսի՞ օր տոպրըկներդ լիքը լցնեք․․․
— Լավ, Երանոս ախպեր, ըպը նամո՞ւսն ինչ կըսե։ Մենք շնորակալ ենք քեզնեն։ Էսքանն էլ մեզի շատ֊շատ է։ Ասպած թող․․․
— Ես էլ եմ շնորակալ, բարով էրթաք։ Հմը կէրևնա, ասպած վրես շատ է հերսոտե․ զուր տեղը միք օրշնե․․․
Մուրացկանները տարակուսած նայեցին նրան և դանդաղաքայլ հեռացան դեպի քաղաք։
'''2'''
Շուկայի փողոցներից մեկի փակ խանութների աոջևով լուրջ ու մտասևեռ անցնում էր ուստա Մկրտիչը։ Բարձրահասակ, արխալուղը հագին, նա մահուդե շափխան թեքել էր դեպի ծոծրակը՝ բաց անելով իր լայն ճակատը։ Նա նայում էր հեռու, առջևում ինչ-որ տեղ, և կարծես տեսնում էր մի բան, որը միայն նրան էր տրված տեսնելու, որը չէր տեսնում նրանից բացի ոչ ոք։
Խանութների մոտ հավաքված մարդիկ բառի կեսի վրա ընդհատելով խոսակցությունը, ակնածանքով բարևում էին նրան՝ շափխաներն արագ հանելով, ապա, միայն նրա անցնելուց հետո՝ դանդաղ ծածկելով։ Ուստան պատասխանում էր գլխի աննկատելի շարժումով՝ համարյա չնայելով նրանց։
Ցերեկը մի քիչ էր անց, դեռ շոգ էր և ուստայի լայն ճակատի վրա կային քրտնքի մարգարիտներ։ Նա կանգ առավ, ետ տարավ արխալուղի փեշը, ձեռքը տարավ դեպի գոտին, վերցրեց այնտեղից կախված և իր մի ծայրով համարյա գետնին քսվող մեծ, վառ-կարմիր թաշկինակը՝ սպիտակ պուտերով, սրբեց ճակատը և նորից թաշկինակն իր տեղը կախեց։ Ապա արխալուղի գրպանից հանեց չիբուխն ու թութունի քիսան, թուլացրեց քիսայի ղայթանը, և չիբուխի գլուխը կոխեց թութունի մեջ։
Դիմացի ղայֆախանայից մարդիկ հետևում էին ուստայի շարժումներին։ Նա չիբուխը լիքը լցրեց թութունով, բթամատով սեղմեց-տեղավորեց այն, ապա բարակ ծխափողի ծայրն առավ բերանը։ Անմիջապես ղայֆախանայից դուրս թռավ քսանհինգ տարեկանի չափ մի երիտասարդ և դեռ մյուս մայթի վրա լուցկին վառելով, կտրեց փողոցը, մոտ վազեց ուստային։
Ուստան նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նույն քիսայից հանեց չախմախն ու չախմախաքարը, հանեց խավաթելը, դրեց քարի վրա և պողպատը խփեց քարին։ Թելի ծայրը մխաց, ուստան այն դրեց թութունի վրա և ֆստֆստացնելով, օդը ներս քաշեց։
Թութունը վառվեց։ Նույն վայրկյանին լուցկին այրվեց-վերջացավ երիտասարդի մատների միջև և խանձեց նրա մաշկը։ Նա, առանց ցավն արտահայտելու, կամացուկ վար գցեց այրված լուցկին և շարունակեց մնալ անշարժ կանգնած։
— Ո՞ւմ տղեն ես,— չափազանց խիստ հարցրեց ուստա Մկրտիչը՝ գործն ավարտելուց հետո։
— Օսկերիչ Վաղինակի։
― Վարոս մա՞նչն ես։
— Հրամանք կէնես։
— Ի՞նչ կէնեիր ղայֆախանեն։
Տղան ձայն չհանեց։
— Ամոթ է, ամընչե, հորդ հարստութունը կերար, խեղճ մարդն ավուր հացի կարոտ պիտի մեռնի։ Հերիք չէ՞ ղայֆախանեքն ու միկիտընները քաշ գաս։
— Հորեխպայր,— փորձեց արդարանալ Վարոսը,— ես միկիտան ոտք չեմ դրե, իսկ ղայֆախանեն էլ՝ գործով մտա։ Դռան քովը նստած, աչքս ճամբուն, ըսկորս կսպասեի․․․
— Un՛ւս․․․— Եվ ուստան չիբուխը հանեց բերանից։— Սալախանա՛։ Ափսոս էն հերը, օր դուն ունիս։
Վարոսը գլուխը կախեց։
Ղայֆախանայում տիրեց լռություն։
― Ի՞նչ արեստի ես։
— Արեստ չունիմ, հորեխպայր։
— Ապրիս։ Օսկերչութունը թևդ կցավցնե՞։
Վարոսն ամենայն խոնարհությամբ լուռ մնաց։
— Քեզի հարկավոր է դամըրչի Բաղդասարի քովը ղրկել, օր օսկըռներդ ջնջխե։ Համ արեստի ղադրը կիմանաս։ Համ փողի․․․ Տե ռադ էղի աշքես, անառակ․․․
Եվ ուստան շարունակեց ճանապարհը։
Բարկությամբ գլուխը ցնցելու ժամանակ ուստայի չիբուխի արծաթե կափարիչը փակվել էր։ Նա միայն այժմ նկատեց այդ և բաց արեց։ Չիբուխի գլխի մոտից կարճ շղթայիկով կախված ձողիկը պտղուցի մեջ առնելռվ, նա սկսեց խառնել թութունը։ Երբ նորից կրակը բորբոքվեց, ուստան թողեց ձողիկը և թեքվեց դեպի բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը։
'''3'''
Որքան որ խուլ ու սեղմված էր բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը, այնքան ընդարձակ և լայնահորիզոն էին բոստանները։ Մտնելով դրանցից մեկի դարպասով, մարդ իրեն անմիջապես կզգար այլ աշխարհում, որտեղ չկային դեղին, թանձր փոշի և երկնքի կապույտը սահմանափակող բարձր պատեր։ Բացվում էր բոստանների լայնարձակ տեսարանը, որ փռված էր մինչև հեռու դաշտերը։ Բոստաններն իրարից սահմանագծված էին միայն խոպան հողի նեղ շերտերով, որոնք միաժամանակ իշասայլակների ճանապարհներ էին։ Այդ ճանապարհների երկու եզրերին ցանցառ շարված էին հովասուն ուռիներ և բարձրահասակ բարդիներ։ Ուռիներ և բարդիներ կային նաև բոստանների մեջ՝ այստեղ֊այնտեղ։ Յուրաքանչյուր բոստանի կենտրոնում կանգնած հոլիկն ևս, երեք կողմից շրջապատված էր ծառերով՝ բաց ունենալով միայն ճակատի կողմը։ Հոլիկներից յուրաքանչյուրի ետևում կանգնած էր մի փոքրիկ սայլակ, որի մոտ կապված, արածում էր մի էշ։ Ծառերի զույգ շարքերի միջև, արխով հոսում էր ջուրը և գնում դեպի հարևան բոստանները։
Բոստանների ետևում՝ հեռու, շատ հեռու, սկսվում էր խոպան դաշտը, որտեղ քաղաքի աղբն էր թափվում կույտերով։ Այնտեղ արևի տակ պսպղում էին ապակու մանր կտորներ։ Մի քանի տարի հետո, աղբով պարարտացած հողի վրա, պիտի աճեին նորանոր բոստաններ և ծառեր, իսկ աղբասայլակների ճանապարհն ավելի պիտի երկարեր։
Բոստանների միակ պատերը նշանակված էին գյուղերից դեպի քաղաք տանող ճանապարհը պատնեշելու համար, որպեսզի անցորդները, գլխավորապես գյուղացիները, չմտնեին բոստան։
Այժմ նորից էին անցնում նրանք իրենց սայլերով, վերադառնում էին գյուղ։ Դեռ հազիվ էր կոտրվել կեսօրը, և նրանք, իհարկե, արևով կհասնեին տեղ։
Գյուղացիներից մեկը վար ցատկեց սայլի վրայից, մոտեցավ պատի մեջ շինված մի աղբյուրի, գյուղացու ահագին կումերով շտապ կուլ տվեց ջուրը և գետնագործ շալե չուխայի թևքով սրբելով թաց բեղերը, վազեց հասնելու իր սայլին։
Երբ վերջին սայլն անհետացավ պատերի ոլորի ետևում, քաղաքի կողմից երևաց ուստա Մկրտիչը։ Դեռ հեռվից տեսնելով դատարկ աթոռը Երանոսի դարպասի մոտ, նա վերցրեց, իր հետ տարավ ներս, դրեց պատի տակ և գնաց դեպի հեռու հոլիկը։
— Բարի օր, Երանոս։
— Ասսու բարին, ուստա Մկրտիչ,— անակնկալ այցելությունից ուրախացած, ասաց բոստանչին՝ արագ դուրս գալով հոլիկից, մի ձեռքին՝ դանակ, մյուսին՝ բահի կոթը։— Էս ինչըղ լավ բան էրիր, օր էկար։ Համմեցի, համմեցի։
— Գործդ էրա, գործդ էրա,— ասաց ուստան՝ տեսնելով, որ Երանոսը վար է դնում դանակն ու բահի կոթը։
— Ամենավենձ գործը քու հրամանքիդ ծառայելն է, ուստա Մկրտիչ։
Ուստան նստեց հոլիկի պատի տակ դրված թախտի վրա և շափխան հանեց։ Լայն ճակատից վերև նա ուներ խիտ, սև մազեր։
— Էս ի՞նչըղ միտքդ քցիր, ուստա ջան։ Բանձր նստի։ Կեցի բարձ բերեմ։
— Բարձ չեմ ուզե։ Ճամբու թոզը հոգի հանեց։
Եվ չուստերը հանելով, ուստան թափ տվեց դրանց մեջ լցված հողը, ապա բրդե գուլպաների կապերը շալվարի փողերի վրա ամրացնելուց հետո ոտնամանները նորից հագավ։
— Ի՞նչ բանի ես, Երանոս։
— Ուստա ջան, մե խորովածմ էնեմ։
— Չեմ ուզե, ես շնորակալ եմ։
— Ուստա ջան, դեմ մի էղնի։ Օրեցեն մե օրըմ բոստանս ես էկե։
― Թե րախի ունիս՝ բե։ Ուրիշ բան պետք չէ։
― Րախին իրան կարգին։ Ըպը զակուսկի՞։
― Բոստանդ կուտենք։
Երանոսը հոլիկից բերեց գավով լիքը օղի և կավե գավաթներ, ապա մտավ վարունգի և պոմիդորի մարգերը, քաղեց, բերեց։
— Մե քան իմ հատ էլ կծու տաքդեղ բե։
— Աշքիս վրա, ուստա։
Երանոսի գնալուց հետո ուստան վերցրեց դանակը, որով բոստանչին բահի կոթն էր տաշում, և սկսեց վարունգներն ու պոմիդորները կտրատել։ Վարունգների կլեպները փռեց և ուտելիքը կտրատեց վրան։
— Էս տպրի լոբիդ ի՞նչղ է,— հարցրեց նա մոտեցող Երանոսին։
— Շատ լավ է։
Եվ բոստանչին կանաչ տաքդեղները դրեց ուտելիքի մոտ։
— Հմը, ուստա ջան, զուր տեղը չթողիր մե խոըովածմ էնեի։
— Նստի։ Բանը մե անգամ կըսեն։
Երանոսը ժպտաց․
— Բարձի խոսքն է՞լ չէնեմ։
― Չէ։
Ուստան վերցրեց տաքդեղներից մեկը, կիսեց։ Տաքդեղը կիսվեց շրխկալով, և նրա միջից բուրեց սուր կծվությունը։
― Լավ տաքդեղ ունիս։
― Շնորհակալ եմ, իմ հողս տաքդեղի ու լոբու հող է։
Երանոսը նստեց, օղի լցրեց և վերցրեց իր գավաթը․
― Տե, ուստա ջան, բարով ես էկե։ Կենացդ։ Շատ էի իմացե քու մասիդ՝ լավն էի իմացե։ Հմը հետդ ծանոթութուն չունեի։ Անցած շաբթուն օր ծանոթացա՝ լավեն էլ լավը տեսա։ Ես մե երջանիկ մարդմ եմ, օր բոստընիս ջուր բերելեն ետև դուն չգնացիր ու գնացիր, այլ էսօր ընձի միտքդ քցիր ու էկար։ Հիմի ես մե նպատակմ ունիմ, օր մեր բարեկամութունն էս րախու պես կարճ չէղնի, այլ էն ախպուրի պես երկան։ Սաղ էղնիս, ուստա ջան, հազար տարի ապրիս, հազարն էլ հազար բարիքով ապրիս․․․
Երանոսը մի ումպով դատարկեց օղին և վերցրեց մի կտոր վարունգ։
― Ես, Երանոս ջան,— սկսեց ուստա Մկրտիչը՝ գավաթ վերցնելով,— շատ մարդու չեմ հավնի։ Վո՞վ գիտե, մարդն ինչքա՞ն պիտի լավն էղնի, օր ես հետն էրթամ֊գամ։ Հմը, ուղիղն ըսած, էն օրը, եբ օր դուն ընձի կանչեցիր, թե՝ բոստնիս հմար ուրիշ ջուր բե, օր ախպուրս վազե ամմեն ժամանակ, դուն ընձի դուր էկար։ Քա՞նի տարեկան ես։
― Եռսընիննը։
― Ես եռսընհինգ կսեպեի։ Ինչորա, էլի քեզնեն վեց տարով վենձ եմ ու դուն ընձնեն չպիտի նեղենաս։ Ըսելս էն է, օր քու մե բանըդ հեչ դուրըս չէկավ։ Էդ էն էր, օր դուն ընձի էնքան առատ վճարեցիր։ Ես կվերցնեմ, իմ թևս չի ցավի, հմը տվողն իրան փողի ղադրը պիտի իմանա։ Քեֆ կէնես՝ բան մի խնաե, բազար կէնես՝ լիզու֊բերան մի խնաե,— վենձանաց խոսք է։ Հիմի, թե ասպած տվեց ու դուն իմ ըսածս մարդը դուս էկար՝ ուստա Մկրտիչը քեզի ծառա։ Թե օր փուչ դուս էկար՝ ասպած քեզի հետ, ասպած էլ ընձի հետ։ Սաղ էղնիս․․․
Օղին խմելուց հետո ուստան վերցրեց մի տաքդեղ, թաթախեց աղի մեջ և առանց կոպն անգամ թարթելու, կերավ։
Թեև բոստանների ու դաշտերի լայնարձակ տեսարանի վրա դեռ պայծառ արևն էր, բայց թախտի վրա փռված ջեջիմի վառ նախշերն արդեն խունացել էին հոլիկի պատի ստվերից։
Երանոսը նորից օղի լցրեց։
― Ուստա ջան, հրաման տու պատմեմ քեզի, թե ընչի բոստրնիս ջուրն ու ախպըրիս ջուրը ջոկ էնել տվի։ Օր պատմութունս իմանաս, էլ ընձի չես մեղդըրե շռայլութան հմար։ Էրածս բանը մատղի պես բանմ էր, իսկ մատղի հմար, դուն ընձնեն լավ գիտես, օր փող չեն խնաե․․․
Ուստա Մկրտիչը գոտկի ետևից հանեց չիբուխը և գրպանից՝ թութունի քիսան, դրեց կողքը և սկսեց լսել։
― Ուստիս օր ըսեմ, մե օրըմ, օրն էլ ցորեկ էր, աշեմ տեսնիմ՝ կոտեմս ջրել է հարկավոր։ Տե, դուն ընձնեն լավ գիտես, օր մենք բոստըններեն վազզող առվի ջրով մեննակ կարտոֆիլը, լոբին, դդումն ու էդ տեսակ բաները կջրենք։ Հմը կոտեմի և առհասարակ կանընչի հմար, թե օր կուզես կանանչըդ լավն էղնի՝ խմելու ջուր է հարկավոր։ Մե խոսքով, գնացի, օր ախպուրս դարց ընեմ դեպի մարգը։ Հլը նոր էի ջուրր փակե, եբ օր դսեն մեկը ճչաց։ Դուս թռա, տեսնիմ՝ մե թուրքիմ կնիկ, գույնը քցած, կայնե ու ցամքած ախպըրին կաշե։ Վո՞վ իմանար, թե ի՞նչ կանցներ մտքեն։ Դուն լավ գիտես, ուստա ջան, օր էդ թուրք միլլաթը, մեզնեն շատ չէղնի՝ մեզի չափ կրոնքապաշտ է։ Գուցցե կմտածեր, թե էս ախպուրն օր կտրավ՝ ասսանից էր։ Ըսել է՝ ասպած իրեն վրեն նեղեցեր է։ Էդտեղ, ուստա ջան, ես մի տեսակմ էղա։ Ջուրը մարդն է կտրե, հմը էնիկ ասսու էրածը կսեպե։ Մեղավորը ես էի․․․
Ուստան, որ չիբուխ էր պատրաստում, ընդհատեց գործը․
— Սխալ ես։ Մարդու ջուր կտրելն էլ ասսու կամքով կէղնի։ Կրնա էղնի, օր էդ րոպպեին ասպած ինքն էր քու ձեռքիդ հրամանք էնողը։
― Մենք, ուստա ջան, մեղավոր մարդիկ ենք։ Թե ասպած մե անգամըմ մեր ձեռքին ճամբա ցույց տա, սատանեն տասս անգամ ցույց կուտա։ Կրնա էղնի, օր ինքը սատանեն էր էդ գործն էնողը, օր անմեղ կնիկը վախենար․․․
Ուստան չախմախ խփեց։
― Մտածեցի,— շարունակեց Երանոսը,— ավելի լավ չի՞ էղնի, օր ջուրը միշտ վազզե ու մարդու մեղավոր ձեռքը չդիպնի էնոր։ Թե ասպած չուզենա, օչ մե մարդմ իրան ջրեն խմե՝ թող ինքն իրան հրաշքով կտրե էդ ջուրը։
Ուստան ծուխը ներս քաշեց, ապա մտածկոտ դուրս փչեց և սկսեց երկար մտածել։ Երանոսն անթարթ նայում էր նրան։
— Վերցու թասդ, Երանոս,— ասաց վերջապես ուստան։— Էս էլ թող քու կենացդ էղնի։ Թող ասպած քու բարիդ հիշե, չարըդ մտահան էնե։ Ապրիս շատ, չապրիս վատ։ Քու էրածիդ նպատակն ընձի հեչ դուր չէկավ։ Տա ասպած, օր էդ սխալմունքդ վերջի սխալմունքդ էղնի։ Ես քսան տարվա ուստա եմ, քսան ախպուր եմ շինե, հմը հեչ չեմ տեսե, օր ասպած իրան սեփական ձեռքով ջուր կտրե։ Քու էդ մտածմունքդ ասսուն փորցել կնշանակե։ Ասպած կգործե մարդու ձեռքով։ Ճիշտ է, սատանեն էլ կգործե մարդու ձեռքով, հմը էնտեղ էլ ասսու մատը խառն է։ Էնպես օր, էդ րոպպեին քու ջուր կտրելդ մե երկնային նշանմ է էղե։ Ասպած չէ ուզեցե, օր էդ կնիկը ջուր խմե։ Տա ասպած թողութուն թե էնոր մեղքերուն, թե քու, թե իմ ու թե առհասարակ աշխրքի։ Կենացդ։
Ուստան խմեց, կերավ մի տաքդեղ և շարունակեց ծխել։
— Շնորակալ եմ, ուստա ջան,— պատասխանեց Երանոսը,— օր դուն ընձի խրատ տվիր, օր դուն իմ կենացս խմեցիր։ Քու ըսածդ խոսքն իմ գլխուս էլ պառկավ։ Ճիշտ է, ես սխալմունք եմ էրե։ Հմը ախպուրն ասսուն հաճելի գործ է։ Թե իմ ախպուրս առաջ տասէրկու ժամ կվազզեր, հիմի քսանչորս ժամ կվազզե։ Առաջվա տասէրկու մարդու տեղակ հիմի քսանչորս մարդ կխմե էնոր ջրեն։ Առաջվա տասէրկու բերնի տեղակ հիմի քսանչորս բերան թողութուն կխնդրե իմ մեղքերուս հմար։ Տա ասպած, օր էնոնց բարեմաղթութունն իմ էդ մեղքս էլ ջնջե։
― Ամմեն,— մրմնջաց ուստան։
Երանոսն իր դատարկած գավաթը վար դրեց և մի կտոր պոմիդոր կերավ։ Հետևյալ երեք գավաթը նրանք խմեցին լուռ՝ ամեն մեկն իր մտքերի հետ։ Արևն արդեն իջնում էր դեպի վերջալույս։
― Ի՞նչ գերդաստան ունիս, Երանոս։
— Էրկու պզտի ախպըրտինքս, նշանածս, վեց տարեկան աղջիկս։ Մե օրըմ մեր տուն համմեցէ, ուստա ջան։ Ասպած սաղ պաե, դո՞ւն ինչ ունիս։
― Մերս, նշանածս, ութ տարեկան տղես։ Առջինեկս օր չմեռներ, հիմի տասնութ տարեկան էր։ Ես էլ վենձ գերդաստան չեմ։
― Ասպած վենձըցընե։
— Ամմեն։
'''4'''
Խմիչքը նկատելի ազդել էր Երանոսի վրա։ Նա դարձել էր ավելի թախծոտ, բայց միևնույն ժամանակ աշխուժացել էր։ Շուտ֊շուտ օղի էր լցնում, վերցնում էր իր գավաթը և երկար նայում էր հեռու հորիզոնին, ուր իջնում էր արեգակը։ Մի անգամ այդպես նայելով, նա գավաթ բռնած իր ձեռքով շոշափեց, գտավ ուստայի գավաթը, իր գավաթը չխկացրեց դրան և սկսեց խոսել՝ կարծես ինքն իր հետ կամ դիմելով արեգակին․
― Ես շատ կզարմանամ աշխըրքի վրա։ Եռսընիննը տարի է, օր կապրիմ, հմը էլի կզարմանամ։ Էս ի՞նչ տեսակ հրաշք բան է աշխարքը, ո՞ւրտից է ծագե։ Կսեն՝ ասպած է ստեզծե։ Տե, ես էնոր զորութանը մատաղ էղնիմ, հմը «ասպած է ստեղծե» խոսքը շատ կարճ է, ես էլ անհասկըցող մարդ եմ։ Կուզեմ, օր մեկը նստի ու ընձի երկան֊բարակ բացատրե, թե վո՞վ ենք մենք, ընչի կապրինք ու էդոր մեջ ի՞նչ տեսակ նպատակ կա։ Ընչի՞, օրինակի հմար, իմ ծնողքս ընձի այսինչ աղջկա հետ նշանեցին, ոնչ թե այնինչ։ Ինչո՞ւց է, որ հայ ու թուրք կա ու էդոնց մեջ խտրութուն կա։ Ինչո՞ւց է, օր մարդու սիրտը մեկին չկպավ՝ չի կպնի, կպավ՝ չի պոկվի։ Ինչո՞ւց է, օր ադաթ կա, օրենք կա ու մարդն իրան ուզածի պես ազատ չէ․․․
Նա գավաթը դրեց վար, նայեց ուստա Մկրտչին, որ լուռ ծխում էր և ուշադիր լսում։
― Մարդը, ուստա ջան, կրնա ամմեն րոպպե ընկնի մեռնի։ Օրինակի հմար, բահի կոթը տաշել ես ու դանակը դրել ես մարգի պռնգին։ Մեկ էլ, ոտքդ քարին դիպավ կամ թե թաց հողի վրա սլըքտաց, ընկար, մտավ սիրտդ։ Ասսու գործն է։ Հմը ես շատ կուզեմ ապրիլ ու իմանալ, թե, օրինակ, մարդն ի՞նչըղ պիտի ապրի մե եռսուն֊քառսուն տարի ետև, վո՞վ պիտի նստի էս թախտի վրա, ո՞ւր պիտի աշե, ի՞նչ պիտի մտածե․․․ Մեկ էլ կսեմ՝ աշես էն վախտ պիտի էղնի՞ն էս թախտը, էս հոլիկը, էս բոստանը, էս ադաթն ու օրենքը․․․
― Ամմեն բան կէղնի, Երանոս, դուն թասդ դարտըկե։
Հանկարծ բոստանչին դիմեց ուստային․
— Դաուլ֊զուռնա բերել տա՞մ, ուստա ջան։
― Չէ, ուշ է, էրթըլու վախտ է։
Խաթրս մի կոտրե։
— Չէ, Երանոս ջան, մութն ընկավ, պիտի էրթամ։
― Լավ, ուստա ջան, հլը շուտ է, քիչմ էլ նստինք։
Երանոսը գավի մեջ մնացած օղին դատարկեց գավաթները և մտավ հոլիկ։
— Երանո՛ս։
— Համմե։
― Էլ չբերես։
― Մե գավըմ, ուստա ջան, մեննակ մե գավըմ։
― Խո չպիտի՞ հարբինք, Երանոս, պետք չէ։
Բոստանչին կոտրված դուրս ելավ հոլիկից։ Նա մի քիչ օրորվում էր։
— Էս անգամ էլ խաթրս կոտրեցիր, ուստա ջան։
― Պզտի ախպոր խաթրը վենձի ծառան է։ Նստի՛։
Արևն ամբողջովին իջավ։ Անմիջապես դարձավ երեկո։ Ուստան վերցրեց իր գավաթը, նայեց բոստանչուն, հետո հանկարծ նայեց ավելի ուշադիր ու երկար, և առանց խմելու, գավաթը նորից տեղը դրեց։
― Տխուր ես, Երանոս։
Բոստանչին ձայն չհանեց։
— Դարդ ունիս։
Բոստանչին նորից ձայն չհանեց և խոնարհեց գլուխը։
— Րախու մեջ թաթխած դարդը չի խեղդի։ Դարդն ստեղծված է ընկոր հետ կիսելու հմար։ Ես քու վենձ ախպերդ եմ․․․
Երանոսը շուռ եկավ դեպի ուստան, բայց դարձյալ լուռ մնաց։ Նրա դեմքի վրա խաղում էր անվճռականությունը։
Ուստան իր գավաթը խփեց նրա գավաթին, խմեց։
Երանոսն իր օղուն ձեռք չտվեց։
― Սեր է ընկե սիրտս, ուստա․․․
― Ի՞նչ․․․
Տաքդեղը ցած ընկավ ուստա Մկրտչի ձեռքից։ Նա արագ վեր կացավ, դրեց շափխան, վերցրեց չիբուխն ու թութունի տոպրակը։
― Թքե՛լ եմ քու աղ ու հացիդ վրա։
Եվ շտապ քայլերով դիմեց դեպի հեռու պատի կողմը։
― Ուստա՛ Մկրտիչ,— սարսափած բացականչեց Երանոսը և կտրեց նրա առաջը։
― Հեռո՞ւ քաշվի, աննամուս։ Թյո՛ւ․․․ Ըպը տարի՞քդ, գերդաստա՞նդ, նամո՞ւսդ․․․ Է՞ս ինչ էր՝ լսեցի․․․
― Ուստա ջան, ես քո հոգուդ մատաղ, մի նեղենա, ներե։ Եմ ուզածս էլ ըշտը էն է, օր դուն ընձի մե խրատըմ տաս, թե ի՞նչըղ էդ սատանական սերը պոկեմ սրտես, քցեմ գիշերվա քամուն, օր չտեսնիմ էլ, թե ուր տարավ․․․ Ետ էրթանք․․․ Շատ կխնդրեմ․․․
― Էլի ես պիտի համբիրեմ,— ասաց ուստան տարակուսած և ետ դարձավ դեպի հոլիկը։— Տես հլը ինչ դուս էկավ։ Ես էլ գիտեի՝ պատվով, նամուսով մարդ ես․․․
― Ուստա ջան, առ էս դանակն ու սիրտս խրե, հմը էդպես մի խոսի։ Ամմեն մարդ աշխըրքի երեսը գոնյա մե անգամըմ սիրելու իրավունք ունի։ Ում սիրտն օր սեր կա՝ էլ ուրիշ կնիկարմատ չի կրնա մտնի ինտեղ։ Հմը ում սիրտն օր սիրուց դարտակ է՝ էնոր սիրտը քու խավաթելիդ պես է, կայծ ընկավ՝ կմխա․․․
― Ըպը նշանա՞ծդ,— շշնջաց ուստան՝ կարծես ինքն իր ձայնից վախենալով։
― Ասպած օղորմի ծնողացս հոգուն։ Ես էնոնց խոսքին չհակառակվելու հմար եմ առե էնոր․․․
― Լավ ես էրե։
― Հմը, աղջկաս ազիզ արևը վկա, ուստա ջան, տասսը տարվա մեջ ես էնոր հեչ մե օրըմ չեմ սիրե․․․
― Un՛ւս, Երանոս, ամոթ է, ջաել տղա չես։ Սե՞րս որն է։ Քուրըս ծնողացդ կամեցածը չէ՞։ Սուրբ պսակով հետդ կապվածը չէ՞։ Էն մատղաշ անասունի ծնողը չէ՞։ Տասսը տարի քու առաջդ ծառայե՞լ է, թե չէ։ Ըսիր, որ քեզնեն պզտի ջուխտ ախպեր ունիս։ Էնոնց շահել֊պաե՞լ է, թե չէ։ Հեռի իրանից, աշքը հո դուսը չէ՞, կամ բնութունը խո փուչ չէ՞։ Թե էդպես բան կա՝ ըսա։
― Չէ, ուստա ջան, ես երկնքե֊գետին շնորակալ եմ թե էնոր բարքեն, թե բնութենեն։
— Ի՞նչ կուզես։
Երանոսը ձայն չհանեց։
― Մարդը, օր հեռի լսողաց՝ լիրբ կնիկ էլ ունենա, էլի պիտի սիրե ու հետն ապրի, քանի օր գեշ կնիկն էլ ասսու տվածն է։ Գե՞շ է կնիկը՝ խրատ տու, ծեծե, հմը էնիկ էլի քուկդ է ու ասսու պսակն ավիտենական է։ Ուղղըվա՞վ՝ շատ լավ, չուղղըվա՞վ՝ պիտի քաշես ասսու պատիժը։ Օրենքն էդ է։ Լավ է, թե գեշ է՝ կնիկը մարդու բախտն է։ Մեննակ մահն իրավունք ունի էնոնց բաժանելու, իսկ մահեն ետև, մարդ լավ կէնե, օր նորից աշխարք չմտնի։ Դուն վենձ մարդ ես, Երանոս, էս ամմեն բանը պիտի գիտնայիր․․․
― Գիտեմ․․․ Ըշտը էդոր հմար էլ սիրտս արուն կուլա․․․
― Ամոթ է, Երանոս, խմած ես, չիտես ինչ խոսիս։ Օր այեղնաս՝ գետինը պիտի մտնիս ըսածներուդ հմար։
Նրանք լռեցին։ Հեռվում, հարևան հոլիկների լուսամուտներում, երևացին կրակներ։ Բոստաններից մեկում մի էշ կանչեց երկար ու աղեկտուր։ Երբ նա լռեց, լսվեց շատ հեռու մի շան անընդհատ, միապաղաղ հաչոցը։ Հետո դարձավ զարմանալի լուռ և խաղաղ։
― Իսկ ի՞նչ լրբի վրա ես սեր քցե։
― Էդպես բան մի ըսե, ուստա ջան, ես քու հոգուդ մեռնիմ։ Սիրտս մի ջարդե։ Խեղճ անասունը հետս լիզու էլ չէ թաթխե․․․․
― Ո՞ւմնոցեն է․․․
― Պատմածս թուրքի կնիկն է, ուստա․․․
― Թուրքի՞ կնիկ է․․․
Ուստան կատաղեց։ Նրա լայն ճակատի վրա ուռեցին երակները։ Նա համարյա գոռաց․
― Էն էլ թուրքի՞ կնկա վրա ես սեր քցե։
— Ուստա՛․․․
― Սո՛ւս, Երանոս։ Ոտքս կոտրեր, ես քու շեմքեդ նես չդնեի։ Արի, արի դարպազդ ցուց տու էրթամ։ Մութն է, չեմ գտնի։
Երանոսը թախտի վրայից արագ վերցրեց դանակը, դրեց ուստայի ձեռքը և քանդեց իր կրծքի կոճակները․
― Ահան դարպազս․․․ Բաց էրա, գնա, ուստա ջան, ձեռքդ դալարի․․․
Ուստա Մկրտիչը դանակը դրեց թախտի վրա։
― Թողութուն կէնես, Երանոս, ես քու բոստընիդ մեջ քու հետդ էդ տեսակ խոսելու իրավունք չունեի։ Հմը մեղքն իմս չէ։ Ես չլսած բաներ լսեցի, չտեսած բաներ տեսա․․․ Բարի գիշեր․․․
― Ուստա՛․․․
— Համմե։
― Էդ ծանտր խոսքերո՞վ կհեռենաս․․․
― Ի՞նչ կուզես։
― Խորուրդ չունի՞ս տալու, ուստա ջան։ Չէ՞ օր ես խորըրդի հմար բացի էս խոսքը։ Դուն իմ վենձ ախպերս ես․․․
Ուստա Մկրտիչը կանգ առավ։
— Խորո՞ւրդ․․․
Երանոսի խոսքերը հասան նպատակին։
Տիրեց երկարատև լռություն։ Խավարի մեջ ոչինչ չէր երևում։ Հանկարծ չխկչխկաց ուստայի կայծաքարը, և մանր կայծեր թռան։ Ուստան ծխեց։
― Լավ ըսիր, Երանոս, քեզի խորուրդ է հարկավոր։ Ես իրավունք չունիմ էս տեսակ հեռենալու։ Հմը իմ խորուրդս էն գլխուց պիտի քեզի հայտնի էղներ․— սիրտդ իստըկե էդ աղտից․․․
― Ի՞նչըղ իստըկեմ, ուստա․․․
― Գերդաստանեդ հեռու մի մնա, մեննակ մի մնա, պատվով֊նամուսով բարեկըմտիք ունեցի, լավ ընկերտանք ունեցի, ուրիշի սերը տես, բարի նախանձով նախանձե, ինքդ էլ սիրե, ադաթ ու օրենք ճանչըցի։ Գալով թուրքին, իհարկե, թուրքն էլ մեզի պես ասսու ստեղծածն է, էնոր ասպածն էլ էն է, ինչ օր մերը։ Հմը էնոր կրոնքն էլ է ուրիշ, ազգն էլ։ Ի՞նչըղ կրնա էղնի, օր քրիստոնա միլլաթը մահմեդականի հետ կապվի։ Էդ բանը ոնչ հայը կէնե, ոնչ թուրքը, ոնչ էլ մե ուրիշը։ Թե օր մեկն ու մեկն իրան կրոնքն ու ազգը փոխե, ետև նշանվի՝ էդ հլը կարելի է։ Հմը վո՞վ կփոխե։ Հայը փոխե՝ հայերն էնոր կսըպանեն, թուրքը փոխե՝ թուրքերը․․․
Թեև ուստա Մկրտչի վերջին խոսքերը հնչեցին շատ դաժան, բայց նրա ձայնը մեղմ էր և նա ըստ երևույթին այլևս բարկացած չէր Երանոսի վրա։
― Ամմեն գեղի օսկոռ գեղի շանը պիտի հասնի՝ հին օրենք է,— շարունա կեց նա․— թուրքը թուրքի հմար է ծնվե, հայը՝ հայի․․․
Երանոսը կանգնել էր գլխիկոր և ընկճված։
— Լավ, այ ախպեր, հայն ու թուրքն օր իրար առնին, էնոնց զավակն ի՞նչ ազգի ու կրոնքի պիտի էղնի։ Դուն ինքդ ըսա․․․
Բոստանչին լուռ էր։
― Առանց ազգի մարդ կէղնի՞․․․
Եվ մի քանի վայրկյան պատասխանի սպասելուց հետո, նորից հարցրեց․
― Առանց կրոնքի մարդ կէղնի՞․․․
Նա չիբուխը թխկթխկացրեց ծառի բնին, թափ տվեց մոխրից և դրեց գրպանը։ Այժմ նա խղճաց իր առջև կանգնած վշտաբեկ մարդուն։ Եվ նայելով մթությամբ պարուրված նրա կերպարանքին, ուստա Մկրտիչը հանկարծ ժպտաց իր սեփական երջանկության գիտակցությունից։ Խրատներից ավելի ահա թե ինչը կարող էր ներգործել Երանոսի վրա։ Եթե նա տեսներ սրբազան ավանդների պահապան իր մորը, ամուսնացած կնոջ հրաշալի տիպար իր Հեղնարին, տան ուրախություն ու զարդ ութ տարեկան իր Գալուստին, եթե նա գոնե մի անգամ լիներ իր ընտանեկան խաղաղ հարկի տակ և տեսներ, թե որքան բախտավոր կարող է լինել մարդը, նա անպայման կնախանձեր բարի նախանձով և կազատագրվեր այդ չլսված կախարդանքից։ Երանոսը լավ մարդ է և ափսոս է նա։
― Էրթանք, Երանոս, ես քեզի զինի պիտի պատվեմ։
— Ուստա ջան, ես շատ շնորակալ եմ։ Հիմի ախպերս պիտի գա։ Ընձի օր իստեղ չտեսնի, անհանգիստ կէղնի։ Մարդ է, մտքեն հազար բան կրնա անցընե։ Էղավ չորս օր, օր տուն չեմ գնացե։ Մնա մե ուրիշ անգամըմ կուգամ․․․
Ուստան հանկարծակիի եկավ․
― Պատիվս չե՞ս ընդունե․․․
Բոստանչին զգաստացավ, զգաց, որ վիրավորում է ուստային և ստիպվեց համաձայնվել։
― Լավ, ես մե քիչըմ ետև կուգամ, վենձ ախպեր։ Ներող էղի․․․
― Էդ կարելի է։ Իսկ թուրքի կնկա վրա ըսածդ խոսքերն անցած հաշվենք․ հարբած էիր․․․ Տունս՝ Ձորի Բողազն ում օր հարցնես՝ քեզի ցուց կուտա․․․
Հազիվ Երանոսն ուստա Մկրտչին ճանապարհ էր դրել և վերադառնում էր, երբ նրա հոլիկում վառվեց նավթի լամպը։ Եկել էր միջնեկ եղբայրը։
― Էսօր ընչի՞ տուն չէկար, ախպեր ջան,— հարցրեց նա մոտեցող Երանոսին։
― Մարդ կար քովս։ Ի՞նչ կա֊չկա տունը։
― Ի՞նչ պիտի էղնի, լավ է։ Մեննակ թե հարս-խանումը շատ անհանգիստ էղավ։ Կերակուր է ղրկե։
― Ես կուշտ եմ, անուշ ջան։ Իսկ հիմի տեղ պիտի էրթամ։ Դուն իստե՞ղ պիտի քնիս։
— Չէ, կանանչ պիտի տանիմ քաղաք։
― Հոլիկը հարուր դաստա թարխուն կա՝ էն էլ տար։ Տե, արի դարպազը փակե։ Բարի գիշեր․․․
― Բարի գիշեր, ախպեր ջան․․․
Երանոսը գնաց։
'''5'''
Երանոսը քայլեց արագ, որ հասնի ուստայի ետևից։ Ճանապարհը կորած էր մթության մեջ և բոլորովին անմարդ էր։ Տեղ-տեղ, մերթ մի կողմի պատի խոռոչում, մերթ մյուս, խաղաղաձայն հոսում էին աղբյուրները։ Դարպասները փակ էին, և պատերի ետևում անշշուկ էին ծառերը։
Երանոսը քայլերն ավելի արագացրեց։ Ճանապարհից թեքվելով դեպի թուրքական շուկայի փողոցը, նա հանկարծ նկատեց իր առջևից գնացող մեկին։ Հարբածությունի՞ց էր, թե խավարից, նրան այնպես թվաց, թե դա թրքուհին էր։
Երանոսը համարյա վազեց, որ մոտենա և ստուգի, բայց դեռ մի քանի քայլ չարած, առջևից գնացողը նայեց ետ և տեսնելով, որ մարդ է գալիս, չադրան վար առավ գլխից և անհետացավ մի դարպասի ետևում։ Երանոսը նետվեց այնտեղ։
Դա քաղաքի պանդոկներից մեկն էր։ Դրա բակում, մթության մեջ, կանգնած էին հայ գյուղացիների սայլեր, թուրք գյուղացիների արաբաներ, ռուս գյուղացիների ֆուրգոններ՝ անկարգ, խառնիխուռն, խիտ։ Ոչ ոք չկար։ Մարդիկ չայխանայումն էին և գիշերելու սենյակում, որոնք գտնվում էին ձախ պատի տակ՝ դրա ամբողջ երկարությամբ, իսկ եզները, գոմեշներն ու ձիերն ախոռումն էին, որը գտնվում էր աջ պատի տակ՝ նույնպես դրա ողջ երկարությամբ։
Պանդոկում իհարկե ոչ մի կին չէր իջևանում, և թրքուհին ոչ մի դեպքում չէր կարող մտած լինել շենքերը։ Եվ որքան էլ որ նա չադրան վար առած լիներ՝ մթության մեջ տղամարդու նմանվելու համար, բոստանչին իսկույն կնկատեր նրան լծարձակ սայլերի միջև։ Բայց Երանոսը, որ շատ լավ գիտեր պանդոկի ելումուտը, հասկացավ, որ թրքուհին պանդոկ մտավ ոչ թե թաքնվելու, այլ ետևի դռնով դուրս պրծնելու համար։ Եվ նա իսկույն նետվեց դեպի այդ դռնակը, որ բացվում էր զուգահեռ փողոցի վրա։ Այնտեղով դուրս գալով փողոց, բոստանչին արագ նազեց շուրջը։
Փողոցը դատարկ էր։ Ոչ ոք չկար։
Ո՞ւր կարող էր անհետացած լինել թրքուհին այդքան արագ․․․ Հատող փողոցները պանդոկի դռնակից բավական հեռու էին և հազիվ թե կինն արդեն հասած և թեքված լիներ դրանցից այն կողմ․․․ Իսկ շուրջը միայն փակ խանութներ էին։
Հանկարծ Երանոսը կռահեց, որ կինը կարող է մտած լինել եկեղեցի, որը գտնվում էր պանդոկի դռնակից ոչ այնքան հեռու։ Նա արագ անցավ փակ խանութների կողքով և մոտեցավ եկեղեցուն, բայց իսկույն անդրադարձավ, որ այդ ուշ ժամին բաց չի լինում ոչ մի եկեղեցի։
Գուցե թվացե՞լ էր նրան, գուցե չէ՞ր եղել ոչ մի թրքուհի։ Եվ իրոք, ի՞նչ գործ ուներ նա այդ ժամին իրենց թաղամասից դուրս։ Եվ ո՞ւր կարող էր գնալ իրենց թաղամասի հակառակ ուղղությամբ․․․
Մթության մեջ, խանութների դեղին, կապույտ կամ կարմիր փեղկերը երևում էին միանման մուգ գույնով։ Երանոսը քայլեց դրանց խուլ ու մութ շարքերի միջով դեպի քաղաքի գլխավոր փողոցը։
Այնտեղ, գլխավոր փողոցում, վառվում էին էլեկտրական լույսեր և բաց խանութներից գազի լամպերի պայծառ լույսը դուրս էր հորդել փողոց՝ առատ լուսավորելով այն։ Իսկ փակ խանութներն այդ փողոցում ունեին ոչ թե տախտակե փեղկեր, այլ երկաթե ճաղեր, և ներսում շարունակում էր վառվել լույսը, որի պատճառով այդ փակ խանութները նույնպես, թողնում էին զվարթ տպավորություն։ Խանութների վրա կային երկրորդ հարկեր, որ բնակարաններ էին՝ պայծառ լուսավորված գեղեցիկ լուսամուտներով։
Այդ փողոցը շքեղ էր, խանութները՝ ճոխ, բնակարանները՝ հարուստ։ Մայթերով անցուդարձ էին անում շլյապավոր ու փողպատավոր տղամարդիկ՝ ռեդիկյուլավոր և կորսետավոր կանանց հետ թևանցուկ, զբոսնում էին ռուս, երբեմն նաև հայ սպաներ՝ իրենց սիրուհիների հետ, օրորվում էին տուն վերադարձող հարբած գյումրեցիները, անցնում էին կառքեր՝ մերթ կենտ֊կենտ, որ սլանում էին արագ և մարդկանց տանում էին կայարան, երեկույթ կամ այլ տեղ, մերթ զույգ-զույգ և երեք֊երեք, որ գնում էին դանդաղ, կողք-կողքի։ Դրանց մեջ նստած էին լինում հարսանիքավորներ կամ պարզապես խնջույք անողներ, անպայման նվագում էր դաուլ-զուռնան, և բացականչում էր կառքի մեջ կանգնած մեկը՝ թափահարելով մի ձեռքում բռնած շիշը և մյուսում՝ բաժակը։ Փողոցների խաչկետում կանգնած ոստիկանը բեղերն էր ոլորում բավականությունից, բայց լրջանում էր՝ իսկույն և թշերն ուռեցնելով, ծակող սուր ձայնով փչում էր սուլիչը, որպեսզի դադարեցնեն նվագն ու բացականչություններն այդ վայելուչ փողոցում։
Երանոսը նայում էր կանանց՝ թրքուհուն գտնելու հույսով։ Թեև նա միայն մի անգամ էր տեսել նրա դեմքը և այն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան, բայց չէր կասկածում, որ իսկույն կճանաչեր նրան։ Իսկ կինը, որ շարունակ չադրայի մեջ փաթաթված, նույնպես մի անգամ էր նայել բոստանչուն, և այն էլ նայել էր իր չափազանց շփոթված վիճակում, այժմ հազիվ թե ճանաչեր նրան։ Ուստի և, բոստանչին վստահ էր, որ կինն իրենից խույս չէր տա։
Բայց թրքուհին չկար։
Երանոսը, որ մութ փողոցում կնոջ չադրան վար առնելու և խուսափելու ժամանակ չէր կարողացել որոշել նրա հագուստը, այժմ իզուր շտապում էր այս ու այն մենակ կնոջ ետևից և նայում էր նրա դեմքին։ Անցորդները զարմանում էին նրա վրա և երբեմն նույնիսկ վախենում։
Փնտրելով իզուր, նա կտրեց֊անցավ գլխավոր փողոցի լուսառատ և բազմամարդ մասը։ Այժմ նրա երկու կողմերում կային միայն միհարկանի բնակարաններ, որոնց լուսամուտափեղկերն այդ ուշ ժամին արդեն ծածկված էին։ Միայն մի բնակարանի լուսամուտներն էին բաց, և այն էլ, հենց որ Երանոսը մոտեցավ՝ փակվեցին։ Կինը, որ փողոց էր ելել փեղկերը ծածկելու, վրա բերեց կեռերը և զարմացած նայեց բոստանչուն։
Երանոսն զգաց, որ հուզված կամ շփոթված տեսք ունի և զգաստացավ։ Դիմացը Ձորի Բողազն էր և ուստա Մկրտչի տունը հավանաբար հեռու չէր։ Հարկավոր էր կարգի բերել իրեն։
Երևաց մի կառք՝ առանց ձիերի, կառապանի դռան առջև կանգնած։ Մի դարպասի դռնակից դուրս ելան երկու մարդ, նրանցից մեկը բարի գիշեր մաղթեց մյուսին և գնաց, իսկ մյուսը նորից մտավ ներս և դռնակը փակեց։ Հանդիպեց ու ետ մնաց փողոցի անկյունում կանգնած մի աղբյուր՝ նույնպես ուստա Մկրտչի կառուցածը։ Լսելի դարձավ Ձորի Բողազով դեպի քաղաք հոսող Գյումրի֊չայի մեղմ խշշոցը։ Երանոսի ոտքերի մոտ գետակը մտնում էր կամարակապ գետնուղին և հոսելով տների ու փողոցների տակով, դուրս էր գալիս քաղաքի մյուս ծայրը՝ բոստանները։
Հասնելով գետակի բաց մասին, Երանոսն իր աջ և ձախ կողմերում, ջրի ափերից մինչև երկնքի բարձր երիզները, տեսավ լանջերի վրա պլպլացող բազմաթիվ կրակներ, որ չէին լուսավորում ոչինչ, և լսեց մի շան տխուր, միակերպ հաչոցը։
Սկսվում էր Զորի Բողազը։
'''6'''
Երանոսն ուռիներից մեկից մի ճյուղ պոկեց՝ շների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար, և առաջ անցավ։ Մի քանի տնից այն կողմ, քարե մի նեղ սանդուղք ջրափից դիք բարձրանում էր լանջն ի վեր՝ կտրատվելով փողոցների եզրերին և վերջանալով ամենաբարձր փողոցի վրա։ Այնտեղ, իր շրջակա շենքերից ցայտուն զանազանվելով, կանգնած էր երկհարկանի մի բարձր տուն՝ կապույտ ներկած քարաշեն պատերով և ամբողջ երկրորդ հարկի երկարությամբ փայտյա գեղեցիկ, ծածկված պատշգամբով։ Տունը պատկանում էր ոսկերիչ Վաղինակին։ Երանոսը գիտեր այդ տունը և բարձրացավ դեպի այն՝ ուստա Մկրտչի տան տեղն այնտեղից իմանալու համար։
Տան առաջին հարկի մի անկյունը մանրավաճառքի խանութ էր, որ նույնպես պատկանում էր ոսկերիչ Վաղինակին։ Խանութը դեռ բաց էր և այնտեղ պայծառ լույս կար։ Բոստանչին մտավ։ Վաճառասեղանի ետևում նստած էր ոսկերչի կինը։
― Բարի իրիկուն, հարս֊աբլա,— ողջունեց Երանոսը։
— Ասսու բարին, ախպեր։
― Ուստա Մկրտչի տունը ո՞րն է։
Ոսկերչի կինն իր արժանապատվությունից ցած համարելով այդպիսի հասարակ ուստայի տան տեղն իմանալը, դեմքը ծռմռեց․
― Ես չիտեմ։ Մեր տան դուռը ծեծե, տղիս հարցու, գուցցե իմանա։
Նույն րոպեին խանութ մտավ տղան։
― Վարոս ջան, ուստա Մկրտչի տունը նշանց տու էս ախպորը,— դիմեց մայրը նրան։
Վարոսը ոտից-գլուխ չափեց բոստանչուն և առանց խանութից դուրս գալու, բացատրեց․
― Կիջնիս, կէրթաս ուղիղ՝ մինչի Ջուխ տախպուրը, էնտից էն կողմ՝ վրա չորս տունն է։
Երբ Երանոսը դուրս ելավ խանութից և գնաց, խանութում վառվող մեծ լամպի լուսավորությունից հետո հեռու և մոտիկ պլպլացող կրակները նրան թվացին այնքան մանր, և դրանցով լուսավորվող Ձորի Բողազն այնքա՛ն մութ․․․
'''7'''
Ուստա Մկրտիչը դուռը բացեց․
― Նես համմեցի, Երանոս ախպեր։ Տունս խո դժվար չգտա՞ր։
― Չէ, ընչի՞։
Փոքրիկ նախասենյակում, դեմ-դիմաց, գտնվում էին երկու դռներ։ Ուստան բաց արեց դրանցից մեկը և հյուրի հետ մտավ ներս։ Ներսում նա երկու ձեռքով ետ տարավ դռան կանաչ մահուդե ծանր վարագույրները և նորից կրկնեց․
— Համմեցի։
Բոստանչին շափխան դրեց նարդու սեղանի վրա՝ դռան մոտի անկյունում, և առաջ գնալով, նստեց։
― Յա՛,— զարմացավ ուստան,— էդ չէղավ։ Առաջի անգամ աթոռքի վրա նստող ղոնախը վերջի անգամ տանտիրոջ գլխուն կնստի։ Համմեցի, համմեցի թախտի վրա։
― Լավ է, նեղութուն մի քաշե, ուստա ջան։
― Է, ե՞ս եմ տանտերը, թե դուն,— կատակեց ուստան։— Իմ տանս մեջ ուրիշի կարգադրութուն չէղնի։
Երանոսը ժպտաց և տեղափոխվեց թախտի վրա։ Հենվեց մութաքաներից մեկին և գրպանից թաշկինակը հանելով, սրբեց ճակատը։
― Շուն խո վրա չհասա՞վ։
― Չէ, լավ պրծա։
Ուստան գնաց դուրս։
Մնալով մենակ, Երանոսը նայեց բուրջը։
Սենյակի մեջտեղում դրված էր ծալովի մեծ սեղանը, որի մի փեղկը բաց էր։ Սեղանի վարդագույն նախշերով սպիտակ սփռոցի վրա առատ լույս էր հորդում առաստաղից կախված չուգունե լամպը՝ սպիտակ մեծ լուսամփոփի տակ։ Լուսամփոփից վերև, սենյակում հաճելի կիսախավար էր։ Երկու լուսամուտների միջև, պատի վրա, չուգունե ոսկեգույն լամպակալով ամրացված էր ևս մի լամպ, որը վառված չէր։ Լուսամուտները ծածկված էին ժանյակավոր սպիտակ վարագույրներով, իսկ անմիջապես ապակիները՝ գունատ-կանաչավուն քողով։ Դուռը ծածկված էր կանաչ մահուդե ծանր վարագույրներով։ Դռան մոտի մի անկյունում նարդու սեղանն էր, որի վրա Երանոսն իր գլխարկն էր դրել, մյուս անկյունում՝ կլոր սեղանը՝ ծածկված ծաղկենկար կարմիր շալով, որի կախ ընկած ծոպերի հետ լուռ խաղում էր կատուն։ Խորքի մի անկյունում դրված էր բուֆետ֊պահարանը։ Բոլոր պատերը ծածկված էին գորգերով, որոնց վրա խփված էին ընտանեկան լուսանկարներ և այլ նկարներ։
Սենյակում կային ուրիշ շատ առարկաներ, շատ մանր֊մունր բաներ, որոնք գեղեցիկ և հաճելի էին դարձնում այն, բայց Երանոսը չզբաղվեց դրանցով։ Ճանապարհին նրան հանդիպած և անհետացած կերպարանքի պատճառով նա դեռ շփոթված էր և մտացրիվ։
Միջանցքում լսվեց ուստա Մկրտիչի ձայնը, որն ինչ֊որ կարգադրություններ էր անում, հետո մեղմ ճռնչաց մյուս սենյակի դուռը։
Երանոսը գրպանից հանեց հորից հիշատակ մնացած սև, փայլուն թութունի տուփը՝ բազմաճառագայթ արևի ոսկեգույն նկարով՝ կափարիչի վրա, և պատրաստվեց ծխախոտ փաթաթել, բայց նույն րոպեին սենյակի դուռը բացվեց ու ծածկվեց, կանաչ վարագույրները հանդարտ գնացին աջ ու ձախ, և դրանց միջև, ոտից գլուխ նույնպես կանաչագույն հագած, երևաց թրքուհին․․․ Երանոսը ցնցվեցի անակնկալից կայծակնահար։ Մի վայրկյան նրան թվաց, թե դա տեսիլ է, կանաչ տեսիլ դռան կանաչ վարագույրների միջև հայտնված։ Սակայն կինն առաջ շարժվեց, և որովհետև Երանոսի հետ դեռ ծանոթ չէր, ապա միայն անցողակի բարևեց գլխով և մոտեցավ պահարանին։
― Թե չար ես՝ խափանվի,— ասաց Երանոսը մտքի մեջ սառած հայացքը կնոջից չկտրելով։ Նա շատ էր լսել, որ հաճախ սատանան հրաշալի թրքուհու կերպարանք առած, գալիս է խելքից հանելու մարդկանց, բայց երբեք իր աչքով չէր տեսել այդ և երբեք չէր էլ հավատացել։ Սակայն այժմ, ահա նա կանգնած է իր աչքի առաջ․․․ Թե՞ հարբածությունից էր թվում այդ նրան և սենյակում ոչ ոք չկար․․․― Եթե չար ես՝ խափանվիր, խափանվիր․․․
Բայց եթե մի վայրկյան հնար լիներ ենթադրել, թե դա տեսիլ չէր, այլ ինչ-որ հրաշքով թրքուհին ինքն էր, ապա նա չճանաչեց բոստանչուն, որի շփոթմունքն անշուշտ վերագրեց իր անթերի գեղեցկության թողած տպավորությանը։ Նա նոր էր վերադարձել տուն, որովհետև դեռ դրսի հագուստով էր։ Նա հագել էր վառ֊կանաչ մահուդե երկար ջուբբա՝ մուգ-կանաչ կրծկալով։ Գլուխը ծածկել էր մետաքսե կանաչ թաշկինակով, որի ծայրերը նա թույլ կապել էր ծոծրակի վրա։ Թաշկինակի եզրից ներքև, նրա լայն ճակատը ծածկվպծ էր կանաչ թավիշե ճակատակալով՝ թանթանայով, որը զարդարված էր բազմագույն շալե թելերի քմահաճ շաղ եկած մանր կտորտանքով և որի երկու ծայրերը, քունբերի վրա, վերջանում էին երկու ուռուցվածքներով։ Թանթանայից ներքև, դրա ողջ երկայնքով, գնում էին մարգարիտների մի քանի շարքեր, իսկ դրանցից ներքև՝ երկու շարք ոսկեդրամ՝ յուրաքանչյուր շարքում այնքան խիտ իրար վրա շարած ոսկիներով, որ դրանցից ամեն մեկը հազիվ էր երևում մի նեղ կիսալուսնով։ Քունքերի մոտ, ոսկու համահավասար շարքերի ծայրերին, կախվել էին երկու մեծ ոսկեդրամ, իսկ ճակատի մեջտեղում՝ ավելի մեծը։
Գյումրուհ ու այդ ողջ գլխազարդը ծածկել էր նրա ճակատի միայն վերին մասը՝ ոսկիների և հոնքերի միջև թողնելով ճակատի մի հրաշալի, նեղ շերտ։ Կնոջ վզից, ոսկե նուրբ շղթայով կախված էր մի փոքրիկ ժամացույց՝ նույնպես ոսկե։ Շղթան շատ երկար էր, և կինը մի քանի անդամ այն փաթաթել էր իր բարձր, սպիտակ պարանոցի շուրջը։ Այժմ, երբ նա խոնարհվել էր դեպի պահարանը, ժամացույցը կախ էր ընկել և ճոճվում էր։ Երբ նա շարժում էր՝ գլուխը, նրա գլխի մետաքսե թաշկինակը հուրհրատում էր մերթ կանաչ, մերթ կա պույտ փաղփաղյունով։
Ուշքի գալով, Երանոսն սկսեց տրամաբանել։ Դե, իհարկե, դա ուստա Մկրտչի կինն էր, որ սենյակ էր մտել գործով։ Միայն թե, նա չափազանց նման, էր թրքուհուն․․․
«Իսկ եթե հանկարծ սա թրքուհին ի՞նքն է»,— անցավ Երանոսի մտքով և նա սարսափեց։ Մեծ է զորությունդ, աստված, այս ի՞նչ մեղավոր մտքեր են անցն ում նրա գլխով։ Վաղը նա կգնա Յոթ-վերք Աստվածածնի եկեղեցին, յոթ մոմ կվառի, յոթանասունյոթ մոմ կվառի իր պղտոր մտքերի մեղքը քավելու համար։ Ինչպե՞ս կարող է ուստա Մկրտչի ընտանեկան սուրբ հարկի տակ ապրող անբիծ կինը լինել նույն այն թրքուհին։ Չէ՞ որ եթե այդ այդպես է, ուրեմն նա թրքուհի է ձևանում և թուրքական թաղամաս է գնում անհասկանալի և անհավատալի գործերի համար․․․ Մեղա՛, մեղա՛ քեզ, աստված․․․
Բայց ինչո՞ւ նստել, տարակուսել և մեղանչել։ Երանոսը կարող է ջուր խնդրել նրանից և փոխանակ դիմելու հայերեն «քուր» բառով, դիմել թուրքերեն «բաջի» բառով։ Եթե «բաջի» խոսքի վրա կինն ինքնիրեն մատնեց, ուրեմն․․․ Մեղա, մեղա քեզ, աստված, հանիր այդ կասկածը Երանոսի սրտից և թույլ մի տա նրան՝ ստուգել իր մեղավոր միտքն ու այդպիսով ավելի մեղանչել․․․
Կինը պահարանի մոտ վերջացրեց իր գործը և ետ դարձավ։ Երբ նա անցավ Երանոսի մոտով, Երանոսը հազիվ կարողացավ տիրապետել իր հարբած ուղեղին՝ չկտրելու համար նրա առաջը՝ ինչպես ցերեկով, և չբղավելու՝ «բաջի՛»․․․ Լավ էր, որ կինն արագաքայլ մոտեցավ դռանը, ետ տարավ կանաչ վարագույրները և անհետացավ դրանց ետևում՝ ինչպես կանաչ տեսիլ․․․
Համարյա անմիջապես դրանից հետո դուռը բացվեց և այս անգամ ներս մտավ ուստա Մկրտիչն իր ութ տարեկան տղայի հետ։
— Երանոս ախպեր, ծանոթացի ժառանգիս հետ, իմ ամենաբանձր, ամենավենձ ախպուրիս հետ։ Գալուստ, ձեռքդ տու հորեխպայրին․․․ Էդպես, հիմի, Երանոս ախպեր, ես հաստատ գիտեմ, օր դուն լավ մարդ ես։ Իմ Գալուստս մինչի հիմի հեչ մե գեշ մարդում ձեռք չէ տվե, քովը չէ գնացե։ Իմ անմեղ էրեխիս հոգին իմ որոշիչ աստըղս է․․․
Երանոսն այնքան ցրված էր, որ չհասկացավ՝ կատա՞կ էր անում ուստան, թե՞ լուրջ էր ասում։ Նա նայեց երեխային և շոյեց նրա գլուխը։
― Հիմի, Գալուստ ջան, մե քիչըմ խոսի հորեխպայրի հետ։ Մե քանիմ րոպպե ընձի նորից ներե, Երանոս ախպեր․․․
Եվ ուստա Մկրտիչը նորից ելավ դուրս։
Երանոսը գրկեց երեխային։ Ուրեմն այն կինը տեսիլք չէր, այլ իրականություն․․․ Ահա և նրա տղան՝ նրան անչափ նման։ Երանոսը ձեռք է տալիս նրա սև մազերին, շոշափում է սպիտակ մորթը, նայում է սև աչքերի մեջ։ Եթե իրական է այդ երեխան, ուրեմն իրական է նաև նրա մայրը։ Դրանում կարելի էր բոլորովին չկասկածել, բայց այնքա՛ն անակնկալ էր հանդիպումը, այնքա՛ն կարճատև էր կնոջ այցելությունը և այնքա՛ն մթագնած էր Երանոսի գիտակցությունը։ Զարմանալի մի լույս սփռվել էր սենյակում, իսկ այդ լույսի մեջ կանգնել էր սքանչելի կինը․․․
'''8'''
Ուստա Մկրտիչը բացեց ճոխ սեղան։ Նրա մայրը նստել էր թախտի վրա, Երանոսի կողքին։ Ինքը՝ ուստան նստել էր աթոռին՝ մեջքով դեպի դուռը։ Երեխան կլոր սեղանի տակ խաղ էր անում կատվի հետ։
Հեղնարը, ուստայի խնդրով, չէր փոխել իր դրսի հագուստը։ Նա շարունակ ներս ու դուրս էր անում՝ սպասարկելով սեղանը, բայց հետո, երբ դրա վրա ամեն ինչ իր տեղն էր, եկավ և նստեց ամուսնու կողքին՝ Երանոսի դիմաց։
Այժմ վառվում էր նաև պատի լամպը։ Ուժեղ լույսի տակ Երանոսն սկսեց ուշադիր դիտել Հեղնարին։ Կինը հազիվ լիներ երեսունհինգ տարեկան։ Ուներ լիքր մարմին և փոքրիկ, նուրբ ձեռքեր։ Երբ նա խոսում էր ամուսնու հետ, թվում էր, թե ուստան նրա հայրն է, թեև ընդամենը տասը տարվա տարբերություն կար նրանց միջև։
Բոստանչին Հեղնարին նայում էր անվայել չափով երկար՝ անկարող քողարկել իր հիացմունքը։ Ուստան և մայրը կամ չէին նկատում այդ, կամ չնկատել էին ձևացնում, իսկ Հեղնարն անկասկած զգում էր նրա հայացքը, բայց չէր շփոթվում՝ հյուրի ուշադրությունն անշուշտ վերագրելով իր գեղեցկության թողած տպավորությանը։ Եվ նա զարմանալի նման էր թրքուհուն, ավելի նման, քան առաջին անգամ սենյակ մտնելիս․․․
Ուստա Մկրտիչը գինի լցրեց և վերցնելով բաժակը, դիմեց հյուրին․
― Երանոս ջան, կենացդ։ Դուն բարով ես էկե իմ տունս։ Ցանկանք և հուսանք, որ մեր բարեկամութունը երկարատև էղնի։
— Կենացդ, ախպեր,— ասաց Հեղնարը և բաժակ բարձրացրեց։
Երանոսը նայեց նրա բաժակին, ապա ակներով ոսկե մատանիներ հագած նուրբ մատներին, հետո ջուբբայի լայն թևքին, որի միջից երևում էր կնոջ ձյունափայլ թևը, նայեց դաստակի վրա հագած ոսկե ապարանջանին, որն իր գունատ դեղինով զարդարել էր նրա մաշկի սպիտակությունը։ Երանոսին թվում էր, թե հիմա ինքը վար կշպրտի բաժակը, «բաջի» կբացականչի և կընկնի նրա ոտները։
― Կենացդ, օղուլ,— լսվեց ուստա Մկրտչի մոր ձայնը։
Բոստանչին սթափվեց և հայացքը շուռ տվեց այն կողմ։
— Ամմենքեդ էլ շնորակալ եմ ձեր քաղցր հյուրասիրութան հմար։ Մկրտիչ ախպեր, շնորակալ եմ քու բանձր պատվիդ հմար, օր դուն ընձի ցուց կուտաս․․․
Երբ բոստանչին սկսեց խոսել, Հեղնարն իսկույն լարվեց, կենտրոնացավ, կարծես ուզում էր ճանաչել հյուրի ձայնը, բայց և իսկույն հանդարտվեց։
Խոսելիս բոստանչին մի քանի անգամ նայեց նրան և սոսկաց, թե հանկարծ, ո՞վ գիտե, գուցե իրոք, նա թրքուհին է։ Ուստի և նա վախով էր սպասում, թե երբ էր ուստա Մկրտիչը նրան ներկայացնելու իր ընտանիքին՝ հիշատակելով, իհարկե, նրա բոստանչի լինելը։ Չուզենալով ճանաչվել Հեղնարի կողմից, նա պատրաստվում էր ընդհատել ուստայի խոսքը։ Սակայն ուստան ոչինչ չէր ասում։ Ըստ երևույթին դեռ սեղան նստելուց առաջ էր նա իր մորը հայտնել հյուրի ով լինելու մասին, իսկ Հեղնարին հարկ չէր համարել հայտնել ոչինչ։
Երկրորդ բաժակն առաջարկեց ինքը՝ Երանոսը։ Նա գնաց կլոր սեղանի մոտ, բերեց այնտեղից երեխային, նստեցրեց իր ծնկանը և ասաց․
— Ես էս անմեղի կենացը կխմեմ ամմենեն առաջ։ Դուն, խանում֊աբլա, էս տան վենձն ես ու բազում տարի քուկդ է էղե ամենավենձ պատիվը։ Պատիվը հիմի էլ է քուկդ, հմը էգվանն էս մարդունն է։ Էգվան մարդիկ բոլորիս մտեհան պիտի էնեն, էսոր պիտի պատվեն։ Ուստա Մկրտիչ, թե դուն քու շնորքեդ էսոր մեջ բան դրած ունիս, ուրեմն իմացի, օր էսոր հարգողը քեզի հարգած կէղնի։ Հեղնար քուր, թե դուն քու սիրունութենեդ էսոր մեջ բան դրած ունիս, ուրեմն իմացի, օր էսոր էրնակ տվողը քեզի էրնակ տված կէղնի։ Ծնողքը պիտի ապրի իրան զավակի մեջ։ Գալուստ ջան, ես քու անվանդ միտքն ըսեմ քեզի, հմը մտեհան չկնես․ Գալուստ՝ էդ էն է, օր պիտի գա․․․
Երեխան ժպտաց և նայեց մորը։ Մայրը խանդաղատանքով վեր կացավ տեղից, մոտեցավ թախտին և ամուր գրկեց նրան։ Կնոջ թևը մի վայրկյան շփվեց Երանոսի ձեռքին։ Երանոսը ցնցվեց կնոջ ջերմությունից և բաժակը դրեց վար։
— Քուր․․․
Բոստանչին կարկամեց։ Բառը դուրս էր թռել ինքնաբերաբար։ Ինչո՞ւ դիմեց նրան, ի՞նչ ուներ ասելու․․․
― Քուր,— կրկնեց նա այնուամենայնիվ՝ բաժակը նորից վերցնելով,— Մկրտիչ ախպերս առավոտվընե-իրիկուն տունը չէ, մերս էլ պառավ կնիկ է․․․
Հեղնարը հանկարծ գունատվեց։ Ո՞վ գիտե, ի՞նչ վերջավորություն էր սպասում նա հյուրի խոսքերին․․․․
― Դուն ինքդ պիտի վենձըցընես էս ճուղը,— շարունակեց Երանոսը։― Էնպես էրա, օր էնիկ միշտ դալար մնա ու պտուղ տա․․․
Հեղնարը Ժպտաց, համաձայնաբար գլխով արեց և ի շնորհակալություն՝ ակնածանքով նայեց ամուսնուն։ Ուստան պայծառացավ։ Երանոսը նայեց նրան և իր ամբողջ հոգով նախանձեց նրա երջանկությանը և իր ամբողջ հոգով ցավակցեց նրա դժբախտությանը․․․
'''9'''
Եկավ ժամանակը, երբ պետք էր խմել Հեղնարի կենացը։ Երանոսը նայեց լիքը բաժակին և մտքի մեջ ընկավ։ Ի՞նչ ասել բաժակի վրա․․․ Ակնարկե՞լ Հեղնարին, որ ինքն այն բոստանչին է, որը գիտե նրա գաղտնիքի մի կեսը և գուշակում է մյուս կեսը։ Կամ գուցե հասկացնե՞լ տալ ուստա Մկրտչին, որ նրա կինն ունի մի սոսկալի գաղտնիք, չլսված ու չտեսնված մի մութ պատմություն․․․
Բայց ինչպե՞ս․․․ Չէ՞ որ Երանոսը դեռ ինքն էլ չի կարողանում հավատալ այդ բանին, թեև Հեղնարը մի կաթիլ ջրի պես նման է թրքուհուն։ Կարող է պատահել, որ դա հրաշք է։ Հրաշքն ավելի է հավատալի, քան այդպիսի չլսված խայտառակությունը․․․ Իսկ ինչպե՞ս հավատալ հրաշքի հիմա, երբ ողջ կյանքում ոչ տեսել ես, ոչ հավատացել․․․
Գուցե ստուգելն ավելի՞ լավ է․․․
Սակայն այդ միտքը նորից սարսափեցրեց Երանոսին։ Եվ դեռ ոչ մի որոշում չընդունած, նա վերցրեց բաժակն ու ոտքի կանգնեց։ Մի րոպե մնաց լուռ, աչքերը փակ, ապա շշնջաց․
― Ընտանիքի պատիվը սուրբ է․․․ Հմը սերն էլ է սուրբ․․․ Ո՞րն է ավելի սուրբ՝ ասպած գիտե․, Վով ընտանիքի պատվի հմար իրան սերը սըպանե՝ իրան կսրպանե․․․ Վով սիրու հմար ընտանիքի պատիվը սըպանե՝ ընտանիքը կսպանե․․․ Տա ասպած, օր ամմեն տեղ ընտանիքն ու սերն իրար բռնեն, իրար հետ էղնին․․․
Ուստա Մկրտիչը բոստանչուն լսում էր մեծ գոհունակությամբ։ Նրա մայրը նույնպես, գլխի մերթ ընդ մերթ շարժումներով, տալիս էր Երանոսին իր հավանությունը։
— Ընտանիքի պատիվն արեստավորի պես է,— շարունակեց Երանոսը, արեստավորի ճակտի պես բաց է, սրտի պես ազնիվ, ձեռքի պես հալալ․․․
Երանոսր հարգանքով լի հայացք գցեց ուստայի կողմը, լռեց մի վայրկյան, ապա շարունակեց․
― Հմը սերը թուրքի կնկա պես է․․․
Հեղնարը կայծակի արագությամբ գունատվեց և ողջ մարմնով սպասողականորեն ձգվեց դեպի հյուրը․
― Թուրքի կնկա պես, սերն էլ չադրի տակ է, օր ոնչ տեսնել է կարելի, ոնչ իմանալ․․․
Ոչ ոք չէր նկատել Հեղնարի գունատվելը։ Երանոսի վերջին խոսքերից հետո, տեսնելով, որ թուրքի կնոջ հիշատակությունն իրեն չէր վերաբերում, այլ միայն համեմատության համար էր, Հեղնարը հանգստացավ և սկսեց խաղալ երեխայի մազերի հետ։
― Ուստա Մկրտիչ,— դիմեց բոստանչին նրան,— դուն իմ վենձ ախպերս ես։ Թե ըսածիս մեջ սխալմունք էնեմ՝ ներող էղի։ Հմը, ինչքան օր իմ խելքս կհասնի, ես իսպես գիտեմ․— տղամարդն ընտանիքի սունն է, իսկ կնիկը՝ երդիկը։ Սունն իրան գլխու վրա պիտի պահե երդիկը, հմը երդիկն էլ պիտի արգիլե, օր ոնչ թե մեննակ անձրևը չլցվի տունը, այլ նաև օտար աշքը նես չաշե․․․
― Ճշմարիտ է, Երանոս ջան,— հաստատեց ուստան, բայց իսկույն դարձավ դեպի մայրը՝ հավանության ակնկալությամբ։
Մայրը ժպտաց և գլխով համաձայնության նշան արեց։
Երանոսը կտրուկ դարձավ դեպի Հեղնարը, բարձրացրեց բաժակը և ասաց․
― Կենացդ, բաջի՛․․․
Մի ուժեղ ճիչ խռովեց սեղանի խաղաղությունը։ Ուստան նետվեց դեպի կինը։ Երանոսը վար գցեց չդատարկված բաժակը։ Ուստայի մայրը թախտից արագ իջավ վար, ոտքը շփոթված քսքսելով հատակի վրա՝ շոշափեց-գտավ բաբուջները, հագավ և նույնպես մոտեցավ Հեղնարին։ Երեխան կանգնել էր մոր մոտ և նայում էր զարմացած։
— Անհանգիստ մի էղնի, Երանոս,— դիմեց ուստա Մկրտիչը նրան,— կանցնի։ Էս մէ ամիսմ է, օր Հեղնարս իսպես է՝ մեկ-մեկ կճչա ու գույնը կքցե։ Վախեցած կէրևնա։ Նստի, ես հիմի կուգամ․․․
Նա չափազանց մեղմ ու զգույշ բռնեց կնոջ ուսերից, վեր բարձրացրեց նրան և տարավ։ Դռան մոտից նա ետ նայեց մորը, որ նույնպես գնում էր երեխայի հետ։
— Էրթանք, մայրիկ, վախը բռնե․․․
Դատարկված սենյակում մենակ մնացած Երանոսը նորից լսեց ննջասենյակի դռան ձայնը, որից հետո ամեն ինչ լռեց։ Կատուն անշշուկ անցավ հատակին փռված գորգի վրայով, գնաց նստեց դրա մի անկյունում և աչքերը կիսախուփ, սկսեց մտածել․․․
Երբ ուստա Մկրտիչը նորից մտավ սենյակ, Երանոսն արդեն ծածկել էր շափխան։
― Ո՞ւր, ախպեր։
― Էրթամ, ուստա ջան։ Համ ուշ է, համ էլ քուրըս․․․
Ուստան չպնդեց։ Դրսի դռան մոտ նա սեղմեց բոստանչու ձեռքը և ասաց․
― Ներող կէղնիս, Երանոս ախպեր, պատահմունք է։ Մե ուրիշ անգամըմ ավելի ուրախ բարի գիշեր կսենք իրար․․․
Հեռվում, Ձորի Բողազի բոլորովին անլույս մի անկյունում, մի շուն հաչում էր տխուր, խուլ և միակերպ։ Թվում էր, թե դա արձագանք է, և ոչ թե իսկական հաչոց։
Երանոսը գնաց։
'''10'''
Առավոտյան Երանոսին գտան իր հոլիկի դռան առջև, թախտի վրա պառկած, դանակը կրծքի մեջ։ Քրեական և բժշկական քննությունն այդ դեպքն արձանագրեց իբրև անհայտ պատճառներից դրդված ինքնասպանություն։
== Գլուխ երրորդ ==
'''1'''
Իբրահիմի ղայֆախանան սովորականի պես լիքն էր մարդկանցով և unվորականի պես լուռ։ Ովքեր ծեր էին և միշտ տանն էին, ովքեր տկարության կամ այլ պատճառով այդ օրը նոլյնպես շուկա չէին գնացել, օրվա այդ վաղ ժամին գտնվում էին ղայֆախանայում։ Ընդհանուր լռության մեջ լսվում էին միայն նարդիների փուլերի չխկոցները և լվացվող բաժակների զնգզնգոցը։
Իբրահիմը կանգնել էր վաճառասեղանի ետևում։ Վաճառասեղանի վրա շարված էին վեց֊յոթ նարգիլե՝ տարբեր չափի ու ձևի, իսկ մի ծայրում փաթաթված դրված էին նամազլըղ փոքրիկ գորգեր և շարված էին նամազի մի քանի կոնքեր ու գյուգյումներ։ Իբրահիմի ետևում պատից կախված էին պղնձե զրահներ և պողպատե թրեր։ Կողքի պատերի վրա խփված էին շատ հին և շատ-թանկարժեք երկու գորգեր։
Փողոցի պատն ամբողջովին՝ ապակեպատ դուռն էր և ընդարձակ լուսամուտը։ Դռան վերևում կախված էին դափ, թառ և քյամանչա նվագարաններ։ Դափը կախված էր մաշկով դեպի պատը։ Երբ ներս մտնողը դուռն ամուր էր ծածկում, դափի փուլերն օրորվում էին և հազիվ լսելի զնգզնգում։
Ուրբաթ օրերն Իբրահիմն ավելի ուշ էր փակում ղայֆախանան։ Ուրբաթ երեկոներին այնտեղ թառ֊քյամանչայի վրա նվագում էին Գյումրու հռչակավոր երգերն ու եղանակները։ Խմիչք իհարկե չէր լինում, որովհետև կրոնն արգելում էր թուրքերին՝ խմել և նրանք չէին խմում հրապարակորեն։ Նվագը նրանք լսում էին լուրջ ու մտասևեռ։ Յուրաքանչյուր րոպե կամացուկ ներս էին մտնում նորանոր մարդիկ։
Իսկ այժմ, սովորական օրվա առավոտյան, Ժամանակն անցնում էր դանդաղ, և այլևս ոչ ոք ներս չէր մտնում։ Սակայն, երբ կեսօր եղավ և փողոցում դիմացի պատը ողողվեց արևի պայծառ լույսով, դուռը բացվեց և ներս մտավ մոլլան։ Նա շտապ և անցողակի պատասխանեց բոլոր բարևներին, արագ գնաց խորքը և նստեց անկյունում՝ դատարկ սեղանի մոտ։ Նա մոռացավ հանել իր բաբուջները, որոնք հատակի գորգի վրա թողեցին փոշու նկատելի հետքեր։ Այդ նշանակում էր, որ մոլլան հուզված էր արտասովոր հուզումով, որպիսին չէր պատահել նրա հետ վաղուց ի վեր։
Նստելով աթոռին, նա մի ոտքը գցեց մյուսի վրա և անհանգիստ սկսեց շարժել կախ ոտքի թաթը։ Նրա փափուկ երեսով և նույնպիսի տակով ոտնամանները՝ մասերը, կիտրոնի կեղևի նման դեղին և խորդուբորդ, այնքան պիրկ էին հագնվել ոտքերի վրա և ոտքերի ձևն ընդունել, որ թվում էր, թե մոլլան նստել էր կոճերից հետ բոբիկ, հինայով ներկված թաթերով ու ներբաններով։ Մոլլայի բաբուջը՝ մասի վրա հագնվող ոտնամանը, որն իրենից ներկայացնում էր հաստ ներբան՝ միայն քթի ամենածայրում երեսի փոքրիկ կաշվով, այժմ կախվել էր նրա մատներից։ Մի քիչ ժամանակ ճոճելով բաբուջն այդպես, մոլլան վեր կացավ և հուզված քայլեց՝ ձեռքից կախած համրիչն արագ-արագ քաշելով։ Յուրաքանչյուր քայլափոխին բաբուջների ներբանները չրմփալով ապտակում էին նրա մաս-ոտնամանների մեկ մի կրունկին, մեկ մյուսին։
Իբրահիմը մոտեցավ մոլլային․
― Մե տեսակմ ես, մոլլա։
Թեև ամառ էր, բայց մոլլան իր ուսերի վրա շալ էր գցել։ Նա կանգ առավ, ձգեց շալի ծայրը, բայց ոչինչ չասաց։ Բարձրահասակ ու նիհար, նա նայեց ներքև՝ դեպի Իբրահիմի հարցական հայացքը։
― Հը՞,― պնդեց ղայֆաչին։
― Մե չայըմ բե,— ասաց մոլլան և վերադարձավ իր տեղը՝ անկյունում։
Իբրահիմը լցրեց թեյը և տարավ։ Չնայած, որ նա շատ էր հետաքրքրվում մոլլայի անհանգստությամբ և շտապում էր պատճառն իմանալ, բայց դարձյալ չմոռացավ թեյը լցնել դանդաղ, զգույշ, իրեն հատուկ վարպետությամբ․ նախ բաժակի կեսից մի քիչ ավելին լցրեց ջուրը, ապա գույնը՝ այնքան ճարտար, որ այն մնաց ջրի երեսին՝ առանց խառնվելու ջրի հետ։
― Նստի՛,— շշնջաց մոլլան, երբ Իբրահիմը բաժակը դրեց նրա սեղանին և ձևացրեց, թե ուզում է հեռանալ։— Նստի ու լսե։ Էն վո՞վ է ինտեղ հաջի Քյարի՞մն է։ Հաջի Քյարի՛մ․․․
Սպիտակահեր, բայց առույգ մի ծերունի մոտեցավ մոլլայի սեղանին և նույնպես նստեց։
― Հաբիբեն․․․
Մոլլան մի վայրկյան ընդմիջում տվեց և նայեց իր սեղանակիցներին։ Նրանք ծայր աստիճան լարվեցին։
― Հաբիբեն սիրական ունի․․․
— Ի՞նչ․․․․― բացականչեց հաջին։
― Սո՛ւս․․․— զգուշացրեց Իբրահիմը, բայց արդեն մի քանի սեղանների մոտ ընդհատվեցին նարդու փուլերի չխկոցները և մի քանի հասակավոր մարդիկ, վեր կենալով տեղերից, մոտեցան մոլլայի սեղանին։
— Աթոռքներդ մոտ քաշեք, նստեք,— ասաց մոլլան նրանց։
― Հաբիբեն սիրական ունի,— մռնչաց հաջին՝ պատասխանելով հավաքվածների հարցական հայացքներին։
― Սիրակա՞ն,— հարցրեց մարդկանցից մեկը՝ գործնական ու հանգիստ, և սկսեց ծխախոտ փաթաթել։— Լավ չէ։ Մեր բոլորի անունը կսևցնե։
— Սըպանել է հարկավոր,— վրդովվեց տաքարյուն հաջին։— Մեննակ սըպանելը քիչ է, խայտառակ էնել է հարկավոր․․․
— Ամմենեն լավն էն կէղնի, օր քյաբինենք իրար հետ, վերջանա էրթա,— ոչ լուրջ առաջարկեց նույն գործնական մարդը և ծխախոտ վառեց։
― Ուրտից օր էկել է, թող ինտեղ էլ էրթա,— ատամների արանքից բաց թողեց Իբրահիմը։— Վռնդենք Հաբիբեին։ Մենք մեր ձեռքերն արունքի մեջ չենք թաթխե․․․
Հանկարծ, համարյա միանգամից, բոլորը մտածեցին այն մասին, թե ո՞վ է վայելում այդ չքնաղ կնոջը, որի աչքերի մասին հրաշքներ էին պատմում։ Իրենց թաղամասի ո՞ր տղամարդուն է վիճակվել այդ երջանկությունը։ Եվ համարյա նույնպես միանգամից, բոլորը դիմեցին մոլլային․
― Իսկ վո՞վ է սիրականը․․․
Մոլլան սառած թեյը հրեց մի կողմ, համրիչը, որ ջղայնաբար քաշում էր մինչ այդ դրեց սեղանին և սկսեց խաղալ դրա հատերի հետ։ Մի քիչ հետո, գլուխը վեր առնելով, նա հայտնեց․
― Հաբիբեի սիրականը․․․
Մարդիկ այնպես նայեցին, կարծես ուզում էին դեռ կեսճանապարհին բռնել մոլլայի խոսքերը։
— Հաբիբեի սիրականը հայ է։
Բարձրացավ աննկարագրելի աղմուկ։ Յուրաքանչյուրն այնպես զգաց, թե Հաբիբային խլեցին իրենից։
— Կսըպանենք, մարգարեի միրուքը վկա․․․ Վո՞վ իրավունք ունի մեր կնկան։
— Կսըպանենք, մարգարեի դրոշակը վկա․․․ Վո՞վ իրավունք ունի մեր ապրանքին։
— Գեղի ouկոռը գեղի շանը պիտի հասնի․․․ Վո՞վ իրավունք ունի մեր օսկոռին։
― Ընչի՞ մեննակ սիրականը կսեք, ըպը կնի՞կը․․․
Փրփրակալած զայրույթն իր հոսանքի մեջ քարացավ մի պահ, ապա գլորվեց դեպի հակառակ կողմը՝ դեպի թրքուհին, որն այնքա՛ն գեղեցիկ էր, բայց և այնքա՛ն անմատչելի նրանց համար․․․
― Գառան պես կմորթենք․․․ Ի՞նչըղ թե հայի տղի հետ․․․
— Կչոքեցնենք իրան մեղքի դռան առաջը, ճիտը կկտրենք․․․ հայի տղի հե՞տ․․․
— Մատաղ կէնենք շարիաթին․․․ Քրիստոնի հե՞տ․․․
Ընդհանուր աղմուկի մեջ Իբրահիմը խոսեց հանդարտ ու կամացուկ, ուստի և նրա ձայնը լսելի դարձավ բոլորին․
— Չեմ կրնա ավատա․․․ Ո՞ր հայն էդքան աննամուս կէղնի․․․ Ախպոր պես հալալ կապրեինք իրար հետ, իրար չոռ չէինք ըսե։ Հմը էնոնք մեր աղջըկա՞ն․․․
Աղմուկն իջավ։ Մոլլան նորից հաստատեց իր խոսքերը։
― Ինչ էլ օր էղնի,— ասաց Իբրահիմը,— սըպանելը լավ չէ։ Ուրտից օր էկել է՝ թող ինտեղ էլ էրթա։ Մեզի էդ տեսակ թուրք կնիկ հարկավոր չէ։ Իսկ տղի գործը մենք տանք հայերու վենձ մարդոց, թող էնոնք թքեն էնոր երեսին․․․ Ի՞նչ կսես, մոլլա․․․
Մոլլան ափի մեջ հավաքեց իր ցանցառ, կարճ մորուքը և սկսեց մտածել։
— Ըպը ի՞նչըղ իմացար, մոլլա,— հարցրեց հաջին։
— Սաֆարի էրեխեքն էին տեսե հայի տղին՝ Հաբիբեի տունը մտնելու վախտը․․․
Տիրեց լռություն։ Գործնական մարդը ծխափողը թխկթխկացնելով սեղանի ծայրին, ծխախոտի մնացորդը մաքրեց դրա միջից և խորհուրդ տվեց․
— Մե բանըմ մտածեք։ Իրիկունը մեր տղամարդիկ բազարից տուն կուգան, Հաբիբեին կսըպանեն։ Կամ մենք սըպանենք, կամ էդոր առաջն առնենք․․․
Նա այնպես գործնական և հանգիստ էր խոսում, որ թվում էր, թե կատակ էր անում։ Սակայն նրա խոսքերը բոլորի ուշադրությունն ուղղեցին դեպի նրա հիշեցրած վտանգը։ Այո, տուն կգան տղամարդիկ և առանց երկար մտածելու, արյուն կթափեն․․․ Ու մինչդեռ նրանք մտածում էին, նա նորից առաջարկեց․
― Կնկան վռնդենք, իսկ տղին ծեծենք։ Իբրահիմ, հաջի Քյարիմի գավազանը տու ընձի․․․
― Տղին ծեծենք,— համաձայնվեցին մի քանիսը,— հմը կնկան․․․
Նրանց սրտերը, ովքեր դեռ ծեր չէին, սեղմվեցին խանդից։ Անհայտ հեռուներից իրենց թաղամասն էր եկել անծանոթ մի գեղեցկուհի, սեր էր արել կողմնակի մի մարդու հետ և այժմ պետք է հեռանար նորից․․․
Մեկը տեսել էր նրա աչքերը, մյուսը՝ ճակատը, երրորդը՝ նուրբ ձեռքը՝ չադրայի եզրերը բռնած։ Երբեմն քամին բարձրացրել էր չադրայի և շրջազգեստի փեշը՝ ցուցադրելով նրա չքնաղ սրունքները, երբեմն քամին չադրան ու շրջազգեստը պիրկ փակցրել էր նրա մարմնին՝ քանդակելով նրա գեղեցիկ մարմնաձևերը․․․ Իսկ հետո, սուրճի մանրիկ գավաթների վրա գլուխները կախած, նրանք երկար պատմել էին նրա մասին, նկարագրել նրան, և բոլորի մտապատկերներում ամբողջացել էր Հաբիբան իր սպիտակ ճակատով ու սև աչքերով, նուրբ ձեռքերով ու սլացիկ սրունքներով, մոտիկ, բայց անմատչելի․․․
― Շարիաթը․․․
Բոլորն սթափվեցին։
― Շարիաթը,— կրկնեց մոլլան,— գեշ բան կպահանջե, հավատացյալներ․․․ Հմը ես ձեզնեն էդ գեշը չեմ ուզե։ Էկեք կակուղսիրտ էղնինք ու թող ալլահն ընձի պատժե իմ թուլ բնավորութանըս հմար․․․ Կնկան վռնդենք, իսկ տղին ծեծենք․․․ Ես իմ վենձ կնկաս էսօր կղրկեմ Հաբիբեի քովը․․․
Հաջին և մյուս բոլոր հասակավորները համաձայնությամբ գլխով արեցին՝ թե իրենց կողմից և թե բացակայողների․․․
'''2'''
Ցերեկվա պայծառ անդորրը տարածվել էր բոստանների վրա։ Ամեն ինչ անշարժ քարացել էր այնտեղ, բայց դա շոգի թմրություն չէր, այլ միջօրեի խաղաղություն։ Արևը լճացել էր բոստանների վրա, դաշտերի վրա հորիզոնից՝ հորիզոն։ Խոշոր, մուգ բծերով երևում էին ծառերի շարքերը մարգերի եզրերին և հոլիկների շուրջը։ Շոգն ու հովն ապրում էին կողքեկողքի։ Հովացնող քամին անցնելով երբեմնակի, հանդիսավոր ու ծանր խշշացնում էր սաղարթները, որոնք հովհարում էին իրենց ստվերում հանգստացող մարդուն կամ կենդանուն։
Հոլիկի մոտ, ծառերի տակով, սահում էր վճիտ ջուրն իր արխի մեջ, սահում էր արագ, բայց բոլորովին լուռ։ Երբեմն միայն, ջրի մի կոհակ բարձրանալով մի փոքրիկ քարի վրա և իջնելով, ծկլթում էր կամացուկ, կարծես աղջիկ մտավ ջուրը լողանալու և դրա սառնությունից սրսփաց։
Ներքևից դեպի վերև՝ ուռիների ճյուղերին նայելիս, մարդու աչքերը շաղվում էին արևի մանր պատառների և տերևների մանր բազմության խառնուրդից։ Սաղարթների մեջ համատարած լսվում էր պիծակների համարյա անըմբռնելի, նուրբ պզզոցը։ Պիծակներն աննկատելի էին և պտտվում էին իրենց նման աննկատելի ծաղիկների շուրջը։ Նրանց պզզոցի հետ խառը՝ դեպի կանաչ գետինն էր իջնում այդ անհամար ծաղիկների սքանչելի բույրը՝ նույնքան նուրբ, նույնքան անըմբռնելի․․․
Հեռվում, որտեղ վերջանում էին բոստանները և փոքրիկ կույտերով թափթփված էին պսպղացող ապակու կտորտանքով լի աղբակույտեր, կանոնավոր ընդմիջումներով, միակերպ ու մտածկոտ, լսվում էր ինչ֊որ թռչունի ձայն՝ հո՛֊պո՛․․․ Լռություն՝ խոր և պայծառ․․․ Հո՛֊պո՛․․․ Ցերեկ․․․ Անշարժություն․․․ Հո՛֊պո՛․․․
Մարդիկ կարող էին ժամերով պառկել մեջքի վրա, ուռիների տակ, արխի մոտ, զգալ սաղարթների և ջրի թարմությունը, շնչել ճյուղերից իջնող քաղցր և խաղաղեցնող բույրը, լսել պիծակների պզզոցը, ջրի հանկարծակի ծկլթոցը և արևոտ հեռվից երբեմնակի եկող հանգիստ, խաղաղ, անմարմին ձայնը՝ հո՛֊պո՛․․․ Հետո լռություն և ապա նորից՝ հո՛֊պո՛․․․ Այդ ձայնից լռությունը չէր խախտվում, խաղաղությունը չէր վրդովվում, այլ յուրաքանչյուր կրկնությունից հետո դառնում էր ավելի խոր, ավելի լայնատարած․․․
Երբեմն, հեռվում, որևէ ծառուղիով, անցնում էր մի մարդ՝ բահն ուսին և ոտքերը ծնկներից հետ բաց։ Հո՛֊պո՛․․․— լսվում էր նույն րոպեին, և մարդը նույնպես թվում էր անմարմին և խաղաղ պատկեր․․․
Երբեմն, զբոսնելու ելած երկու աղջիկներ մտնում էին բոստաններից մեկը և քայլում էին ծառերի ստվերներով։ Նրանք հագած էին լինում մեղմ-վարդադույն եզրերով ու գոտիներով սպիտակ զգեստներ, նույնպիսի վարդագույն ու լայն եզրերով սպիտակ գլխարկներ։ Նրանց նուրբ զգեստներից բուրում էր մատաղահաս աղջիկների յուրահատուկ բույրը՝ անմեղությունը։ Իրենց անբիծ հագուստներով նրանք նմանվում էին խնձորենու ծաղիկների՝ նույնպիսի սպիտակ, նուրբ-վարդագույնով։ Նորից լսվում էր՝ հո՛֊պո՛, և աղջիկները նույնպես թվում էին անմարմին պատկեր․․․
Հեռվում, Երանոսի բոստանի դարպասի վրա, բացվեց դռնակը և ներս մտավ ուստա Մկրտիչը։ Թվաց, թե նա էլ էր անմարմին երազ, որ մարդ էր եղել և գոյություն էր ունեցել երբևէ, ապրել էր և աշխատել, ավարտել էր իր կյանքն ու մեռել իր հետ տանելով նաև իր աշխարհը, բայց այժմ վերակենդանացել էր նորից, միայն մի վայրկյանով, երևութականորեն, և այդ պատճառով ավելի հանդիսավոր էր և համրաքայլ։
'''3'''
Ուստա Մկրտիչը մոտեցավ հոլիկին։ Հեռու մարգերից մեկում Երանոսի միջնեկ եղբայր Գեղամը բահը խրեց հողի մեջ և շտապեց դեպի նա։ Հոլիկի ետևից նախ նայեց, ապա մոտեցավ Երանոսի կինը, որն այնտեղ զբաղված էր կանաչեղենի դաստաներ կապելով։
― Բարև, քուր։
— Բարև, եխպայր։
Ուստան Երանոսի ընտանիքի հետ ծանոթացել էր դեռ բոստանչու թաղման օրը, ուստի և, նայելով աջ ու ձախ, հարցրեց,
— Ըպը Մանանս ո՞ւր է․․․
— Բարև, ուստա, ջան,— ասաց Գեղամը՝ տեղ հասնելով։
— Ասսու բարին, օղուլ։ Մանանս ո՞ւր է։
— Քնած է, եխպայր,— ասաց կինը՝ գլխով անելով դեպի արխի եզրերին շարված սաղարթախիտ ուռիները։ Ուստան աչքերով փնտրեց, նկատեց աղջկան և քայլերն ուղղեց դեպի նա։ Կինն ու Գեղամը հետևեցին ուստային։
Մանանը պառկել էր կանաչի վրա, նրա ծնկները թաղվել էին խիտ բուասծ սպիտակ մանր ծաղիկների մեջ։ Նա մի թևը դրել էր գլխի տակ, մյուսը երկարել էր կանաչի վրա՝ ձեռքում մի քանի ծաղիկներ պահած։ Նրա սև մազերը վերջանում էին խոշոր, կլորիկ խոպոպներով։ Մազերին կապված էր լան, պայծառ֊կարմիր ժապավեն։
Ուստան նայեց նրան սիրով ու գուրգուրանքով և ուզում էր կռանալ դեպի նա, երբ իր ետևում լսեց կնոջ հեծկլտոցը և արագ ետ շրջվեց։
— Քո՞ւր․․․
― Որբ ու անտեր մնաց․․․
— Ասպած օղորմած է, քուր, սազ մնան հորըխպըրտինքը, սաղ մնաս դուն։ Աշքերդ սրբե։
― Մի լա, հարս֊խանում ջան,— գուրգուրեց Գեղամը՝ խելոք և մտածկոտ աչքերով։— Ախպերս էդ բանը չպիտի էներ, հմը․․․ Մի լա․․․
Ուստա Մկրտիչը թեքվեց դեպի գետին, վերցրեց այնտեղից աղջկան, գրկեց, տարավ դեպի հոլիկ։ Նստեց պատի տակ դրված թախտի վրա, ուշադիր նայեց դեռ քնած երեխային և համբուրեց ճակատը։
— Վեցը թամմա՞վ։
― Ձմեռը թամմավ, եխպայր։
— Մե խորուրդմ եմ էրե,— ասաց ուստան՝ աղջկան գրկից բաց չթողնելով։— Դուն էլ լավ լսե, Գեղամ, հիմի դուն ես տան գլխավորը․․․
Կինը նստեց։ Գեղամը շարունակեց պատկառանքով կանգնած մնալ ուստայի առջև։
Ուստան մտածեց։ Հետո, երբ ուզում էր սկսել, հանկարծ փոխեց հանգամանորեն խոսելու իր մտադրությունը, նորից համբուրեց երեխային, հանձնեց մորը և ասաց․
— Ծաղկի պես պահե հարսիս, քուր․․․
Կինը շառագունեց, արագ նայեց երեխային, ապա խանդաղատանքով և ամուր համբուրեց։ Երեխան արթնացավ, մազերը ետ տարավ ճակատից, ժպտաց, փորձեց հասկանալ, թե որտեղ է ինքը։
— Գեղա՛մ,— խիստ ձայնով դիմեց ուստան տղային,— աղջկաս մազին դիպնող չէղնի։ Էնպես էրա, օր ծաղիկս դալար մնա․․․
Գեղամը մտածեց մեծավարի, ապա ի նշան համաձայնության գլուխը խոնարհելով, ասաց․
― Թող քու կամքդ էղնի, ուստա ջան։ Դուն էն տեսակ վենձ պատիվ կէնես մեզի, օր էլ մենք ի՞նչ կրնանք ըսե․․․
― Քո՞ւր․․․
Ուստան հարցական նայեց կնոջը։
— Տեգրոջս խոսքն իմ օրենքս է, եխպայր։
― Սրտինդ ըսա, քուր։ Ցարն էլ է մեր օրենքը, հմը մեր սրտին օր հարցընե՞ս․․․
― Խոսք չկա բերանս, եխպայր, օր սրտիս ուրախութունն ըսեմ։ Դուն իմ որբիս հեր դառնալ կուզես․․․ Դուն իմ անբախտիս բախտ տալ կուզես․․․ Դուն իմ Մանանիս․․․
Եվ չկարողանալով զսպել ոչ տխրության, ոչ ուրախության արցունքներրը, նա նորից համբուրեց երեխային։
Լսելով իր անունը, երեխան ժպտաց և վար ցատկելով մոր գրկից, փախավ։ Ըստ երևույթին նա ամաչեց, որ երեք չափահաս մարդիկ զբաղված են իրենով։
Ուստան պայծառացած աչքերով նայեց նրա ետևից, ժպտաց իր բեղերի մեջ և գրպանից հանելով կես շիշ օղի, դիմեց Գեղամին․
— Բաժակ բե։
Բայց և իսկույն ընդունեց ուրիշ որոշում․
― Կեցի, բաժակ հարկավոր չէ։ Գնա էրկու խիար քաղե․․․
Գեղամն արագ գնաց մտավ վարունգի մարգերը, քաղեց երկու վարունդ, վերադարձավ։
― Դանակ էլ բե․․․
Երբ Գեղամը մտավ հոլիկ, ուստայի դեմքը մի պահ ընդունեց խիստ արտահայտություն, և նա դիմեց Երանոսի կնոջը․
― Քուր․․․ Լավ գիտնաս, օր վենձ պատիվ կէնեմ ձեզի․․․ Իրան սըպանող մարդու ընտանիքի հետ բարեկամութուն էնելն օրինավոր բան չէ։ Օր ուրիշնեըն օրինակ առնին՝ ես եմ մեղավորը․․․
Գեղամը բերեց դանակը և տվեց ուստային։ Կինը ճչաց։ Գեղամը շփոթվեց և ձեռքն արագ մեկնեց դեպի ուստան․
— Տու ուրիշը բերեմ․․․ Չնկատեցի, օր իսիկ էն դանակն է․․․
Ուստան ետ ծալեց նրա ձեռքը․
― Մի սխալվի, օղուլ։ Ասպած ինքն է քեզի ըսե, օր էս դանակը բերես։ Էդիկ չար դանակ էր, հմը իրան չարութունը դարտըկել է։ Հիմի էսոր մեջ մեննակ բարին է մնացե։ Ըսել է՝ մեզի բախտավորութուն պիտի բերե․․․ Միշտ քովդ պաե էս դանակը․․․
Վերցնելով վարունգներից մեկը, նա դանակով երկու կես արեց, փորեց միջուկը և դարձրեց բաժակներ։ Վերցրեց մյուս վարունգը, մի բաժակ ևս դրա կեսից պատրաստեց։ Օղին լցրեց դրանց մեջ, մեկն ինքը վերցրեց, մյուսները մեկնեց կնոջն ու Գեղամին․
― Մեր ուխտի կենացը․․․ Ասպած օղորմի Երանոսի մեղավոր հոգուն․․․ Տա ասպած, օր աշխըրքիս երեսին հեչ մե մարդըմ մեր ուխտը քանդել չկըրնընա։ Բարով վենձընան Մանանս ու Գալուստս, իրար հասնին, ուրախ ապրին, բախտավոր էղնին․․․
Ուստա Մկրտիչը մի ումպով դատարկեց օղին, ապա կերավ վարունգը։ Գեղամը նույնն արեց։ Կինը խմեց մի քիչ և արցունքներն աչքերից գլորելով, մնացած օդին թափեց դանակի վրա․
― Դուն էլ խմե, անգութ, աղջկադ նշանն է․․․
'''4'''
Ուստա Մկրտիչը կսմթեց բարդիների շարքի մոտ խաղացող Երանոսի փոքր եղբոր այտը և դարպասի դռնակից դուրս ելավ դեպի ճանապարհը։ Հազիվ էր ոտքը շեմքից դուրս դրել, երբ ցնցվեց և մեջքով կպավ պատին։
― Յա՛․․․ Է՞ս ինչ էր․․․
Նրա մոտով, առանց նրան նկատելու, արագաքայլ անցավ թրքուհին։ Ուստային թվաց, թե նա ճանաչեց քսան տարուց ի վեր իրեն այնքան ծանոթ Հեղնարի քայլվածքը։
— Հահլաթ քեզի, սատանա, խո հարբած չե՞մ,— համարյա շշնջաց ուսաան՝ նայելով նրա ետևից․— ոտնամաններն էլ՝ Հեղնարինը․․․
Նա ձեռքը շփեց ճակատին։ Լսել էր, որ երբեմն չար ոգին գեղեցիկ թրքուհու կերպարանք է առնում և իր սիրով խելագարեցնում է մարդկանց, բայց երբեք չէր հավատացել դրան։ Միայն Երանոսի մահից հետո մի քիչ կասկածել էր, որ բոստանչուն հանդիպած թրքուհին նույնպես չար օգի էր եղել։ Եվ չար ոգին, ինչպես ասում են, ջահել կանանց սնդուկներից գողանում է նրանց հագուստներն ու ոտնամանները, հագնում, ապա նորից դնում է տեղը․․․
— Յա՛,— կրկնեց ուստան,— կրունկները, գույնը․․․ Թե՞ աշքերս խաբեցին․․․ Է՞ս ինչ էր․․․
Թրքուհին, որ շարունակում էր գնալ նույն արագ քայլերով, անհետացավ ճանապարհի ոլորի ետևում։ Ուստան սթափվեց, համոզվեց, որ դա տեսիլք էր, որը գերբնական ձևով անհետացավ։ Սակայն անմիջապես մտածեց, որ կինը պարզապես կարող էր ծածկված լինել ճանապարհի շրջադարձի ետևում, ուստի և արագ առաջ գնաց ստուգելու համար։
Մի քանի քայլ հետո թրքուհին նորից երևաց։ Չադրայի մեջ խուլ փաթաթված, նա շարունակում էր ճանապարհը։
Ուստան մտածեց շտապել, մոտենալ նրան և դիտել մոտիկից, բայց և իսկույն փոխեց մտադրությունը։ Այնուամենայնիվ թրքուհին կարող էր ոգի լինել, և նկատելով ուստային՝ անհետանալ։ Ուստի և, փոխանակ մոտենալու, ուստան շարունակեց հետևել հեռվից։ Հաճախ չէ, որ մարդ առիթ է ունենում ոգու հանդիպել։ Պետք է հետևել և տեսնել, թե նա ինչ նպատակով է հագել իր կնոջ ոտնամանները։ Բայց արդյո՞ք իր կնոջ․․․
Ուստա Մկրտիչը հիշեց, որ Հեղնարի այդ կիսակոշիկներից մեկի՝ ձախի տակը երկու տեղով ճաքել էր և ուստան պատվիրել էր Հեղնարին՝ այլևս դեն նետել այդ ոտնամանները։
Նա կռացավ, նայեց թրքուհու ոտնահետքերին։ Ձախ ներբանի տափակ հետքի վրա, փոշու մեջ, հազիվ նկատվում էին լայնքից գնացող երկու խազեր։
— Տեր ասպած,— ասաց ուստան՝ խաչակնքելով, և շափխան ետ հրեց դեպի ծոծրակը,— ահան աշքովս կտեսնիմ հրաշքը, հմը էլի չեմ ավատա․․․ Չէղնի՞ էս բանը հրաշք չէ․․․
'''5'''
Թուրքական թաղամասի աղբյուրի ութանկյունի փոքրիկ շենքը՝ ծառերի տակ կանգնած, ամբողջովին գտնվում էր դրանց ստվերում։ Այդ նշանակում էր, որ ցերեկը հասել էր իր գագաթնակետին։ Արևի լույսից աշխարհն այնքան պայծառ էր աղբյուրի շուրջը, որ աղբյուրն իր վրա կախված ծառերի ստվերում թվում էր գիշերային տեսիլ՝ ամեն կողմից ցերեկով շրջապատված։ Ջուրը, որ անձայն և անշարժ կորագծով իջնում էր խողովակից դեպի գուռ, թվում էր արծաթափայլ կամար՝ նետված այս աշխարհից դեպի հողը։
Աղբյուրի շուրջը, նույնպես ստվերի մեջ, հավաքվել էին շատ աղջիկներ և կանայք, բայց նրանցից ոչ մեկը ջուր չէր լցնում, իսկ ով արդեն լցրել էր դեռ չէր հեռանում։ Բոլորն զբաղված էին ըստ երևույթին ծայր աստիճան հետաքրքիր ու կարևոր խոսակցությամբ։ Ջրի շիթի տակ դրված մի կուժ վաղուց ի վեր լցված էր, այժմ ջուրը, խշշալով հորդառատ, դրա կողերով թափվում էր վար։
― Սաֆարի էրեխեքը․․․ Ավիրակ փողոցի քովը․․․ Հետը թուրքերեն էին խոսե՝ չէր հասկըցե․․․ Փափախը դրել է խաբելու հմար․․․
— Սև՞ փափախ,— հարցրեց մեկը։
— Սև։
― Գռո՞ւզ։
― Գռուզ։
― Ըսել է՝ ես էլ եմ տեսե էնոր, կնկտիք։
Մի այլ կին, որը մտածկոտ խաղում էր մատանու հետ, հանկարծ կարմրեց և դիմեց խոսողներին․
― Դուք է՞ն կըսեք, օր աչքեր ունի, ինչղ օր կրակ․․․
— Էն։
― Տեսել եմ։ Մե անգամըմ մոտեցավ, ջուր ուզեց։ Երեսս ծածկեցի, փախա, էլ չիմացա, թե ուր գնաց։
― Ո՞ւր պիտի էրթար, հըլպըթ էն լրբի քովը,— ասաց մի աղջիկ՝ խոշոր աչքերը բարկությամբ ոլորելով Հաբիբայի տան ուղղությամբ։
― Սե՜ր կէնեն,— շրթունքներն ատելությամբ կծկելով, ասաց մի կին։― Լիրբը կպագե ջաելի աշքերը, ծոցը կառնե ջաելին․․․
Նրա աչքերը հանկարծ արցունքոտվեցին, նա լռեց և ծածկվեց չադրայով։
― Ընչի՞ սեր չէնեն,— դառը ժպտաց մի ուրիշը։— Հարուստ, անդարդ․․․ Ի՞նչն է պակաս․․․ Ըպը տղեն ի՞նչ տղա է․․․
― Տղեն կմեռնի էնոր հմար․․․ Կա մարդ, օր քեզնեն ջուր կուզե, հմը գիտես, օր քեզի կուզե։ Հմը էնիկ օր ջուր ուզեց՝ մեննակ ծարվըցած էղնելու հմար էր։ Աշքովս տեսա, թե ինչըղ քրտընել էր լեն ճակատը, թոզոտել էին մազերը․․․
― Հըլպըթ օր կսիրե։ Ըպը խո չի՞ ծեծե։ Էդպես տղեն կնկա վրա ձեռք կբանձրցնե՞․․․
Երկար թերթերունքների տակ փայլատակում էին կանանց սև աչքերը։ Երբ նրանք շրջում էին հայացքներն աջ ու ձախ, նրանց աչքերի սպիտակուցները փաղփաղում էին ատելությամբ, նրանց այտերը վառվում էին շառագույն կարծես անդրադարձնելով ինչ֊որ հրդեհի բոցը։ Նրանց կրծքերը ելնում-իջնում էին կարծես զսպած հեկեկոցից։ Իսկ երբ նրանք խոսում էին, թվում էր, թե նրանց ձայնը դուրս էր գալիս թախիծով ու արցունքով լի խոր ջրհորից։ Ոմանք կանգնել էին երեսները չադրայով ծածկած, ձեռքերից մեկով ջրամանը բռնած, մյուսով՝ չադրան կրծքի վրա պահած, իսկ երեսների վրա քաշած չադրայի եզրերը սեղմել էին սպիտակ ու մանրիկ ատամների արանքում։ Եզրերի հետ միասին նրանք սեղմում, արյունոտելու չափ կծում էին նաև իրենց շրթունքները։ Տարօրինակ էր թվում, որ նրանց կազմած կիսաշրջանի մեջ ջուրը հոսում էր նույն խաղաղությամբ, կարծես չէր հոսում, և ուստա Մկրտչի անունը, գրված աղբյուրի ճակատին՝ երեք հին, բայց կենդանի լեզուներով, թվում էր նույնքան խաղաղ և հավիտենական․․․
Մոլլայի մեծ կինը, որը, իհարկե, երբեք չէր գալիս ջրի, այժմ նույնպես առանց ջրամանի էր կանգնել կանանց միջև, լուռ լսում էր խոսակցությունները և մերթ ընդ մերթ գլխի դրական շարժումներով հավանություն էր տալիս նրանց ասածներին։ Սակայն նա ուշադիր չէր լսում նրանց և շարունակ նայում էր դեպի փողոց։ Երբ այնտեղ երևաց Հեղնարը և արագ անցավ, մոլլայի մեծ կինը նշան արեց աղբյուրի մոտ գտնվողներին՝ ձայն չհանել, և շտապեց նրա ետևից։
Աղբյուրի մոտ բոլորը նայեցին իրար։
― Աշես ի՞նչ են մտածե մեր տղամարդիկ,— շշնջաց մեկը։
― Կսըպանեն,— ենթադրեց մյուսը։
― Թող սըպանեն,― տենդահար բոցավառվեցին մի զույգ աչքեր․— էնիկ շարիաթին հակառակ կապրի։ Ընչի՞ պիտի մեննակ էնիկ շարիաթին հակառակ ապրի․․․
'''6'''
Հաբիբայի տան փոքրիկ փողոցի անկյունում մոլլայի մեծ կինը հասավ Հեղնարին, կտրեց նրա առաջը, երկու ձեռքերով կոպիտ բաց արեց նրա երեսը․
— Անամոթ․․․
Հեղնարը գունատվեց։
― Սիրակա՞ն ունիս, քա՛ծ։
― Ունիմ, բաջի, օր քեզնեն պաեմ, ալլահից ի՞նչըղ պաեմ,— շշնջա Հեղնարը։
— Ունի՞ս, հա՞․․․
Թրքուհին կատաղած սեղմեց բռունցքներն ու ատամները, և կարծես ներսից ստացած մի հարվածից՝ նետվեց դեպի ուստայի կինը․
― Հա՞յ է․․․
― Հայ է, բաջի․․․
Հեղնարը բռնեց սիրտը, որ թպրտում էր անհանգիստ և անկանոն։
— Ըսել է՝ սուտ չէ՞, հա՞, անառակ։ Լա՛վ․․․
Նա կտրուկ ետ շրջվեց, բղավեց․
― Հե՛յ, աղջըկներ, կնկտիք, իստեղ էկեք, մե֊մե քար բերեք հետներդ, շուն կա սատկցընելու, շո՛ւտ․․․
— Բաջի՛,— սարսափից նվաղած ձայնով թույլ ճչաց Հեղնարը,― բաջի, սուս կեցի, ոտքդ պագեմ, ես հայ եմ․․․
― Ի՞նչ․․․
Մոլլայի մեծ կինը ետ֊ետ գնաց և ձեռքերը ետևը տանելով, չռված մատներով շոշափեց պատը՝ չընկնելու համար։
— Հա՞յ ես․․․
Աղբյուրը հեռու էր և ոչ ոք չէր լսել մոլլայի կնոջ կանչը։ Հեղնարն այնպես էր գունատվել, որ թվում էր, թե պիտի ուշաթափվի։
Մոլլայի կինը, որ սառած աչքերով անթարթ նայում էր նրան, սկսեց շարժել շրթունքները։ Ըստ երևույթին նա խոսում էր, բայց ոչինչ չէր լսվում։ Այդպես անցավ մի քանի վայրկյան, մինչև որ նրա ձայնը դարձավ լսելի․
― Հայ․․․ Ո՜վ մարգարե․․․ Ի՞նչըղ չէինք նկատե․․․ Շեյթանը քեզի հետ․․․ Թուրքի անունո՞վ անառակութուն կէնես․․․ Քեզի ակռեքով կգզենք․․․ ակռեքով․․․
Եվ դանդաղ պոկվելով պատից, նա քայլեց ետ՝ տուն կամ ղայֆախանա, ինքն էլ չգիտենալով, թե ուր, անհավատալի լուրը տղամարդկանց տեղեկացնելու։
Հեղնարը շշմահար նայեց նրա ետևից և նրա առաջին միտքը եղավ՝ փախչել և այլևս չվերադառնալ։ Ապա նույն վայրկյանին նա սոսկումով հիշեց, որ քիչ հետո, գուցե մի րոպեից, գալու է իր սիրեցյալը և ընկնելու է գազազած մարդկանց ձեռքը։ Առավել ևս պետք էր շտապել, հանդիպել նրան ճանապարհին և ետ դարձնել․․․
Նա նետվեց դեպի ձախ կողմի ավերակ փողոցը։ Ինչպես միշտ, այնտեղ ոչ ոք չկար՝ բացի Սաֆարի երեխաներից, որ պատի տակ նստած, խաղում էին։ Տեսնելով Հեղնարին, նրանցից մեկն անփույթ վեր կացավ, դանդաղ գնաց մի քիչ տեղ, ապա վազեց։ Երեխաների աչքերի վատ թաքցրած արտահայտությունից Հեղնարը հասկացավ, որ նրանք իրեն էին հսկում և վազող երեխան անշուշտ գնաց մեծերին հաղորդելու իր մասին։
Հեղնարը նվաղեց, զգաց թակարդից դուրս գալու անհնարինությունը, և ենթարկվելով անխուսափելիին, հազիվ մի կերպ քայլեց դեպի Հաբիբայի տունը, մտավ ներս և դարպասը կամացուկ ծածկեց․․․
'''7'''
Հեղնարը հազիվ էր դարպասը ծածկել, երբ երևաց ուստա Մկրտիչը, որն շտապ մտավ փողոց և նայեց շուրջը։
― Բաջի՛․․․
Մոլլայի մեծ կինը, որ հեռանում էր արագաքայլ, ետ նայեց, ապա կանգ առավ։ Ուստան, քրտնած ու փոշոտ, մոտեցավ նրան․
— Բարև, բաջի։
― Բարև, ուստա Մկրտիչ։
― Մե թուրքիմ կնիկ չանցա՞վ իստեղով․․․
Մոլլայի կինը մի վայրկյան ձայն չհանեց, ապա անթափանց չադրայի տակ ժպիտ ձևացնելով, հարցրեց․
― Թուրքի կնիկն ինչո՞ւդ է հարկավոր, ուստա․․․
Ուստան նոր միայն սթափվելով շտապմունքից և շփոթությունից, զգաց իր տված հարցի տարօրինակությունը։
— Հարկավոր է, բաջի,— այնուամենայնիվ պնդեց նա։
― Լավ, ինչո՞ւդ է հարկավոր,— կրկնեց թրքուհին՝ թեթևակի բաց անելով երեսը։— Դուն՝ հայ, կնիկ՝ թուրք, դուն՝ կնկա-էրեխի տեր, էնիկ․․․
— Այ բաջի,— ճիգով ժպտաց ուստա Մկրտիչը՝ տիրապետելով ինքն իրեն,— հայի ու թուրքի մեջ ախպոր ու քուրոջ գործ չի՞ պատահի։
― Ընչի՞ չէ։
— Ըշտը էդպես մե գործովըմ կհարցնեմ։ Թուրքի կնիկ էր՝ կանանչ ոտնամաններով․․․
Ուստան, ծայր աստիճան անհանգիստ, ձեռքերը տարավ դեպի գոտին, բռնեց, քարացավ սպասողական։
― Էդ թուրքի կնիկն իրան տունը մտավ։ Ինքը մեննակ կապրի։ Դու մեննակ կնկա քով ի՞նչըղ էրթաս, ուստա․․․
Ավերակ փողոցի կողմից երևաց ոսկերիչ Վաղինակի տղա Վարոսը։ Տեսնելով ուստա Մկրտչին, նա ետ նետվեց և անհետացավ։ Ոչ ուստան, ոչ թրքուհին, չտեսան նրան։ Նրան տեսան միայն Սաֆարի երեխաները, որոնք նորից, այս անգամ բոլորը միասին, վազ տվեցին մեծերին հայտնելու հայի տղայի մասին, որը սակայն կորավ անհետ․․․
― Տե, օր էդ կնիկը մեննակ կապրի, դուն ինքդ էլ արի հետս, բաջի,— առաջարկեց ուստան։
Նրանք մոտեցան Հաբիբայի տան դռանը։
― Ուստա, էնիկ հայ է,— հայտնեց թրքուհին։
― Հա՞յ․․․
Փոխանակ պատասխանելու, մոլլայի մեծ կինը հանկարծ փոխվեց, արյունը խփեց նրա երեսին և նա սպառնալի շշնջաց․
— Արի աշքովդ տես։ Ինքն անառակութուն կէնե, սիրական կպաե, հմը մեր անունը կխայտառակե․․․
Ուստան արագ քայլերով մտավ ներս։
'''8'''
Տասը տարի անխնամ մնացած պարտեզի վայրի մենավորությունը տեղի էր տվել պայծառ զվարթության։ Վարոսը կտրել էր բավական թվով ծառեր և կտրատել էր մնացածների քմ տհաճորեն աճած ավելորդ ճյուղե րը, մաքրել էր մարգերն ու մայթերը, ցան ել էր բազմագույն ծաղիկներ՝ բուրումնավետ և քնքուշ։ Այժմ պարտեղն իրոք որ պայծառ պարտեզ էր և ոչ խավար պուրակէ Արևն առատորեն թափվել էր ծառերի միջև, գետն ի ւ[բա։ Այժմ արևն էր այնտեղ տիրապետողր և ոչ թե ստվերր, որն առանձին պատառների բաժանված, կծկվել էր ծառերից յուրաքանչյուրի տակ։ Ստվերները, լինելով քիչ և արևի խոշոր բծերով շրջապատված, այժմ թվում էին ավելի մուգ, ավելի զով և հաճելի։ Ամենուր, որտեղ արևն էր թափվել, աճում էին բազմագույն և բազմատեսակ ծաղիկներ։ Դրանց հույլերի միջև անցնում էին կարմիր աղյուսափոշու շավիղներ։ Ավազանի շատրվանը խփում էր ավելի բարձր և ջրափոշին նստում էր տերևների ու ծաղիկների վրա։
Ուստա Մկրտիչը մի պահ կանգ առավ քարացած՝ կարծես վախենալով որևէ անզգույշ շարժումով կպչել պարտեզի քնքշությանը։ Դարպասի մոտից մինչև բնակարանի դուռը նա գնաց կամացուկ, համարյա ոտների ծայրերի վրա՝ քսվելով պատին և զգուշանալով նեղ մայթից ոտքը դնել ցած, որտեղ բուսել էին այնքան մանրիկ և անմեղ խոտեր․․․
Մտնելով նախասենյակ, ուստան բաց արեց երեք սպիտակ լուսամուտներ ունեցող սենյակի դուռը։ Այնտեղ ոչ ոք չկար։ Սենյակի խորքի մասն առջևի մասից բարձր էր երկու աստիճան և բաժանված էր վարագույրով։ Ուստան վարագույրը ետ տարավ և նայեց ներս։ Նույնպես ոչ ոք չկար։
Նա ելավ նախասենյակ։ Նշանակում է, չար ոգին, թրքուհին, հայուհին, կամ, տեր աստված, իր կին Հեղնարն այնտեղ է՝ մյուս սենյակում․․․
Ուստայի սիրտը դողաց, դողաց նաև ձեռքը, որով նա դռան ունկն էր բռնել։ Նա կամացուկ և համարյա անլսելի բաց արեց դուռը, մտավ ներս․․․
Հեղնարը՝ գունատ, նվաղած, ծունկ էր չոքել և կիսաբաց շրթունքներով աղոթք էր անում՝ անշուշտ իր սիրեցյալի անվտանգության համար։
Լսելով դռան ձայնը, նա նայեց այն կողմ և ցնցվեց։ Ըստ երևույթին նա չհավատաց իր աչքերին։ Նա վախեցավ ավելի շուտ իր վրդովված վիճակից և տենդոտ ուղեղից, քան դռան մոտ կանգնած կերպարանքից։
— Հեղնա՞ր․․․— շշնջաց ուստա Մկրտիչը։
Մի վայրկյանում Հեղնարի դեմքն անասելի սպիտակեց, թվաց, թե այդ նրա աչքերն էին, որ անասելի սևացան։ Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, զգաց դրա տակ ուժգին և անկանոն թպրտացող, սիրտը,f և մինչև իսկ չկարողացավ ճչալ։ Նա ծկլթաց՝ ինչպես վճիտ ջուրը բոստանների արխում, և լռեց։ Ամեն ինչ վերջացավ։
'''9'''
Հաբիբայի ծանր ու անհյուրրնկալ դարպասը նորից փակվեց։ Թուրքական թաղամասում նորից համոզվեցին, որ անհետացած պառավի տան վրա անեծք կար ծանրացած։
Հեղնարի մահից անմիջապես հետո, երբ մոլլայի մեծ կնոջ միջոցով լուրը տարածվեց ամբողջ թաղամասում, բոլոր բնակիչները բահ ու քլունգներով զինված, անասելի գոռգոռոցներով հավաքվեցին Հաբիբայի տան առջև՝ հիմնահատակ կործանելու այն։ Ու մինչդեռ ուստա Մկրտչի դժբախտության լուրը սլացավ քաղաք՝ կայծակի արագությամբ և ուժգնությամբ տարածվելու այնտեղ, մոլլան, Իբրահիմը, Սաֆարը, հաջի Քյարիմը և թաղամասում գտնվող բոլոր մյուս տղամարդիկ սկսեցին քլունգի կատաղի հարվածներ տեղալ շենքի աղյուսե ճակատին։ Թվաց, թե հարվածների ձայներն անգամ հնչեցին արտասովոր մռայլությամբ։ Աղյուսներից բարձրացավ կարմիր փոշին և մշուշեց հավաքված բազմությանը՝ իր փայլող գործիքների հետ։
Առանց հաշիվ տալու, թե ինչու, կանայք վայնասուն բարձրացրին և սկսեցին պոկռտել իրենց մազերը, իսկ երեխաները գոռալով լաց եղան։ Տղամարդիկ հարվածները տեղում էին ավելի և ավելի մոլեգին, կարծես ոչ թե քանդում էին պատը, այլ ծեծում, ջարդուփշուր անում՝ այն գտնելով իբրև ամեն ինչի մեղավորը։
Համատարած իրարանցման մեջ հանկարծ բացվեց Հաբիբայի տան դարպասը, և շեմքի վրա երևաց ուստա Մկրտիչը՝ բարձրահասակ ու մտախոհ։ Շափխան դեպի ծոծրակը ետ հրած, ճակատի վրա քրտնքի մարգարիտներ, նա խաղաղ ու հանգիստ աչք ածեց շուրջը։
― Էս ի՞նչ գառնագոչում է,— հարցրեց նա թուրքերեն։— Նեսը քնած մարդ կա․․․
Եվ նորից մտնելով շենք, ծածկեց դարպասի ծանր փեղկը։
Միանգամից տիրեց այնպիսի լռություն, որ թվաց, թե լսելի դարձավ կարմիր փոշու ձայնը, որն օդից նստում էր մարդկանց գլուխների, ուսերի վրա և գետնին։ Բահերն ու քլունգները մարդկանց ձեռքերում դարձան ավելորդ և մարդիկ նայեցին միմյանց՝ չգիտենալով ինչ անել։ Բոլորը կարծես միայն նոր վերհիշեցին, որ տան ներսում հավիտենական քնով քնել էր մի կին, որին խաղաղություն էր հարկավոր՝ ինչպես յուրաքանչյուր քնած մարդու։
Նույն րոպեին դարպասը նորից բացվեց և ուստան դուրս ելնելով, դիմեց մոլլային․
― Միրզալի, նես արի, դո՞ւ ընչի ես կայնե։ Հաջի Քյարիմ, Սաֆար, ձեզի հետ եմ․․․
Թաղամասի պատկառելի ծերունիները մոլլայի հետ միասին մտան շենք։
Ուստան դեռևս դարպասը չէր ծածկել, երբ անկյան ետևից լսվեց սմբակների ձայն, և սանձակոտոր ընթացքով փողոց մտավ մի կառք։ Հավաքվածները շուռ եկան։ Գլխաշորը վար առած, սպիտակ մազերն արձակ, չռված մատներով կարծես մազերը սանրելով, կառքում նստել էր ուստա Մկրտչի մայրը։
Նա շրթունքն ամուր սեղմել էր ատամների տակ և նվաղկոտ ձայնով հծծում էր՝ ո՜ւմմմ․․․ ո՜ւմմմ․․․
Ինչպե՜ս էր այդքան արագ և ամենից առաջ լուրը հասել նրան՝ քաղաքի մի ծայրից մյուս ծայրը․․․
Ուստան նետվեց ընդառաջ։ Օգնելով մորը՝ վար իջնել կառքից, նա միջոց գտավ շշնջալու․
― Զուր կողբաս, մեր, էնիկ քու ողբիդ չաժե․․․
Մայրն ապշությունից չռած աչքերով հարցական նայեց որդուն։
― Էրթանք՝ նեսը կըսեմ,— ասաց ուստան։
Դրանից անմիջապես հետո սկսվեց այդ օրվա մեծագույն տագնապը։ Միանգամից լսվեցին արշավող բազմաթիվ կառքերի հնչյուններ, վազող մարդկանց ոտնաձայներ, և փողոց լցվեցին մեծ թվով մարդիկ։ Նրանք մոտեցան հավաքվածներին, սկսեցին տեղալ շփոթված հարցեր։
Փոքրիկ փողոցը հեղեղվեց մարդկանցով և կառքերով։ Քիչ հետո մարդկանցով և կառքերով լցվեցին նաև շրջակա փողոցները։ Աղմուկը խլացրեց ամեն ինչ։ Մարդիկ աշխատում էին առաջ անցնել իրարից, մոտենալ տանը, իմանալ, տեսնել, թե ինչ էր պատահել ուստա Մկրտչին։ Թուրքական թաղամասի յուրաքանչյուր բնակիչ շրջապատվեց բազմաթիվ մարդկանցով, որոնք անընդհատ հարցեր էին տեղում։ Բայց թուրքերին ևս շատ բան հայտնի չէր։ Ամենաէականը, սակայն, գիտեին բոլորը․ ուստայի կին Հեղնարը մի հայ սիրեկան էր ունեցել, որի հետ հանդիպելիս էր եղել Հաբիբայի տանը։ Ուստան բռնել էր Հեղնարին, և Հեղնարի սիրտը ճաքել էր․․․
Իսկ թե ինչ կերպ էր ուստան բացել դավաճանությունը և ով էր կնոջ սիրեկանը՝ ոչ ոք չգիտեր։ Միայն մի թուրք՝ մսագործ Կուլին, որն այդ օրը շուկա չէր գնացել և տանն էր, պատմում էր, թե ինչպես մի ժամ առաջ Սաֆարի մի երեխան վազել էր իր մոտ և հաղորդել Հեղնարի փախչել պատրաստվելու մասին, ապա եկել էին մյուս երեխաները՝ հայտնելու հայ տղայի գալու մասին։ Բայց մինչև թաղամասի տղամարդկանց վրա հասնելը, հայի տղան արդեն փախել էր, իսկ Հեղնարը՝ հանգչել։
Ազդեցիկ մարդիկ՝ թե հայերից, թե հույներից, վերջապես կարողացան մոտենալ դարպասին։ Մոտեցան նաև ուստա Մկրտչի ընկերները, բարեկամները, Հեղնարի այլայլված և ամոթահար ազգականները։ Երբ մարդկանցից մեկը հրեց դարպասը, դուրս եկավ, որ այն փակ էր։ Մտածելով մի վայրկյան, նա բարձրացրեց երկաթե թակը և խփեց։ Հավաքվածներին ցնցեցին թակի մռայլ ու խուլ հնչյունները։
Դարպասը բացվեց, դուրս եկավ ուստայի մայրը։ Նա միանգամայն հանգիստ էր, սովորականի նման գլխաշորը գլխին գցած։ Միայն նրա շրթունքներն էին ամուր սեղմված և դեմքր սովորականից մի քիչ ավելի խիստ էր։ Նա նայեց հավաքվածների իսկույն լռած ամբոխին և ասաց․
― Ետ դարցեք, օղուլ, ձեր ոտներն էլ են ափսոս, ձիաններունն էլ․․․
Ապա հաստատուն քայլերով նորից մտավ ներս և դարպասը փակեց։
'''10'''
Հեղնարը պառկած էր հատակին, գորգի վրա։ Նրա վրա գցել էին պատից պոկած մի այլ գորգ, որը ծածկել էր նրան ամբողջովին՝ բաց թողնելով միայն սև մազերով շրջանակված դեմքը և կանաչ կիսակոշիկները։ Նրա դեմքը գունատ էր, սպիտակ, և թվում էր, թե նա քնած է։
Նրա կողքերին ծալապատիկ նստել էին ուստա Մկրտիչը, մոլլան, հաջի Քյարիմը, Սաֆարը, ուստայի մայրն ու մոլլայի կինը։ Իբրահիմը կանգնել էր դռան մոտ՝ շվար, ձեռքերը կախ գցած և մտածում էր։ Լուսամուտի խայտաբղետ ապակիներից անիրական լույսն ընկել էր հավաքվածների անշարժ և անձայն կերպարանքների վրա։ Արտաքին աշխարհից ոչ մի ձայն ներս չէր թափանցում և հայտնի չէր՝ դեռ աղմկո՞ւմ էին այնտեղ, թե լռել էին։
― Մեղքը մերն է․․․— լռության նման հանդարտ՝ վերջապես լսվեց մոլլայի ձայնը։— Հաբիբեի տունը մենք շուտուց պիտի քանդած էղնեինք․․․
— Կքանդենք․․․― փակ ատամների արանքից զուսպ մռմռաց հաջին,— բաջու դիակը տարան թե չէ՝ հիմնահատակ կէնենք․․․
Խոսքերից հետո վերահաստատված լռության մեջ ուստան բարձրացրեց գլուխը, նայեց նստածներին և ասաց խաղաղաձայն․
― Մե խորուրդմ էրեցի․․․ Կուզեմ էս մեղավոր կնկան թաղել իրան մեղքի տան մեջը․․․
Եվ նորից խոնարհեց գլուխը։
Մոլլան ու հաջին նայեցին իրար։
— Էս տունը քանդոցի տակ է,— ասաց մոլլայի մեծ կինը՝ առանց նայելու ուստային, որովհետև նրա աչքերի մեջ փայլատակում էին բարկության կրակները և նրան թվում էր, թե չադրայի տակից անգամ, դրանք կհասնեն ուստային և կվիրավորեն։
Խուլ, կարծես հավիտենության միջից, լսվեց դարպասի թակոցը։
Իբրահիմը ելավ դուրս։
Քիչ հետո ներս մտավ քաղաքի ավագ եկեղեցու ավագ քահանան՝ ավագ տիրացուի հետ, որի թևի տակ շուրջառ կար և աղոթագիրք։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Քահանան արագ մոտեցավ ուստային և սեղմեց նրա ձեռքը։ Ապա երբ դրանից հետո նա մոտեցավ ուստայի մորը, կինը համբուրեց քահանայի աջը և ասաց․
― Գնա, հայր֊սուրբ, խաչդ մի պղծե․․․
Կարծես սառը ջուր սրսկեցին բոլորի վրա։
— Մեղավորի հոգին․․․― փորձեց հակաճառել քահանան։
― Մեղավորի հողին գնաց՝ ուր օր իրան տեղն էր,— ընդհատեց ուստայի մայրը։
Քահանան ու տիրացուն նայեցին իրար և խաղաղություն մաղթելով, ելան դուրս։
Երբ Իբրահիմը նրանց ետևից դարպասը փակելուց հետո մտավ սենյակ, բոլորն այնտեղ նորից նստած էին առաջվա դիրքով՝ լուռ և անշարժ։
― Մենք ուստի խոսքը ետ դարցնել չենք կրնա,— շարունակեց հաջին ընդհատված խոսակցությունը։— Ուստի նպատակը ճշմարիտ է՝ թող մեղավորը թաղվի իրան մեղքի տան մեջը․․․
— Տունը քանդոցի տակ է․․․― կրկնեց մոլլայի կինը։― Թե ախպերը համաձայն է՝ թող թաղե․․․
― Ի՞նչ կըսես, ուստա,— հարցրեց մոլլան։
Բոլորը նայեցին ուստա Մկրտչին։
Մտածելով բավական երկար, ուստան հայտնեց․
― Տունն ընձի հարկավոր չէ․․․ Մեննակ թե, ընձի մե քառսուն օր ժամանակ տվեք՝ ետև քանդեք․․․
― Քառսուն օ՞ր,— չհասկացավ մոլլան։
— Տեյմոր քար քաշեմ գերեզմընի վրա,— բացատրեց ուստան։
Մոլլան, հաջի Քյարիմը, Սաֆարը, Իբրահիմը, մոլլայի մեծ կինը համաձայնություն տվեցին՝ թե իրենց կողմից, թե թաղամասի բոլոր բնակիչների։
'''11'''
Եկավ քրեական և բժշկական քննությունը և այդ դեպքն արձանագրեց իբրև անհայտ պատճառներից դրդված հանկարծամահություն։
'''12'''
Հեղնարին թաղեցին պարտեզում, ավազանի տակ։ Ընդհատեցին շատրվանը, հատակից վերցրին մի քանի սալաքար, խորը փորեցին տակի հողը և դագաղը դրեցին այնտեղ։ Հետո նույնությամբ սարքեցին ամեն ինչ և բաց թողեցին շատրվանի վճիտ ջուրը, որը նորից արծաթե բարակ ձողիկի պես շպրտվեց վերև և քիչ հետո ավազանում լճացավ անձրևող շիթերից չեչոտված ջրի հայելին։ Իրիկնադեմին բոլորը հրաժեշտ տվեցին ուստա Մկրտչին և գնացին։ Ուստայի մայրը փորձեց ետ պահել որդուն այդ մռայլ տան մեջ քառասուն օր մենակ մնալու վտանգավոր որոշումից, բայց ուստան, ի պատասխան, միայն համբուրեց նրա ձեռքը և խնդրեց՝ իր ընկերներից մեկնումեկի տղայի միջոցով ամեն օր մի քիչ ուտելիք ուղարկել իրեն։ Դամբանաքար պատրաստելու անհրաժեշտ գործիքները նա բերել տվեց հենց նույն օրը։
Երբ քաղաքում իմացան ուստա Մկրտչի որոշումը, բոլորն անխտիր եկան այն եզրակացության, որ դամբանաքար պատրաստելը պատրվակ էր ուստայի համար՝ չերևալու մարդկանց մեջ, քանի դեռ թարմ էր ընտանեկան չտեսնված և չլսված խայտառակության տպավորությունը։ Սակայն ո՞ւմ մտքով կանցներ չարախնդալ ուստայի դժբախտության վրա։ Բոլորին պաշարել էր սոսկումը՝ ինչպես սրբապղծությունից։ Ինչպե՞ս էր համարձակվել Հեղնարը՝ այդ անառակ կինը, պղծել պայծառ ուստայի անկողինը․․․ Եվ ո՞վ էր եղել արդյոք այն իժի ծնունդը, որը գայթակղել էր այդքան տարիների անարատ կնոջը․․․
Թաղման հենց հետևյալ օրն ուստայի ընկերները վերցրին Սաֆարի երեխաներին և սկսեցին շրջել շուկաները, արհեստավորների և առևտրականների խանութները, չայխանաները, ղայֆախանաները, միկիտանները՝ Հեղնարի սիրեկանին գտնելու համար։ Նրանք իրենց գրպաններում ունեին նրա համար խնամքով սրած դանակներ։ Բայց նա չկար։ Ո՞վ գիտե, գուցե և կար, գուցե և Աաֆարի երեխաները տեսնում էին նրան, բայց չէին ճանաչում, որովհետև նրանք հիշում էին երիտասարդի միայն փափախը։ Ըստ երևույթին, տղան իր հայկական շափխան թուրքական փափախով փոխարինում էր միայն թուրքական թաղամաս գնալիս՝ բոստանների մեջտեղով անցնող ճանապարհի ոլորներից մեկում, որտեղ և, անշուշտ, Հեղնարն էր ծածկում կամ վար առնում իր չադրան։
Ճիշտ է, երիտասարդին տեսել էին նաև թրքուհիներից ոմանք, բայց տեսել էին անցողակի, հապճեպ, չադրայի անվստահորեն բացած ճեղքից։ Նրանք հազիվ թե կարողանային հիշել նրան, իսկ եթե հիշեին էլ, չէին համարձակի ծպտուն հանել այդ մասին, խոստովանել, որ նայել են նրան, ցույց են տվել իրենց երեսը տղամարդուն, հային, անառակին։ Այդ եռակի հանցանքի համար կշողար սրած պողպատի մի կտոր և աշխարհը կպակասեր ևս մի կնոջով․․․
Իզուր փնտրումներից հուսահատված, բոլորն իրենց հույսը դրել էին աստծու վրա, որպեսզի նա ինքն իր շանթով տեղնուտեղը ոչնչացներ մեղավորին, թույլ չտար նրան՝ մնալ անպատիժ և գայթակղություն ծառայել իր նման ուրիշների համար։ Հարկավոր էր ցասում, վրիժառություն։ Բոլորը սոսկահար սպասում էին դրան, սպասում էին, թե պիտի գար մի հրաշք՝ ընտանիքի սրբությունը նորից հաստատող։ Բայց և միաժամանակ, բոլորն իրենց հոգու հեռավոր խորքում կասկածում էին, թե կգա՞ր արդյոք այդ հրաշքը․․․ Եվ ի՞նչ պիտի հաստատեր այն՝ եթե գար․․․ Մի՞թե անպայման ընտանիքի սրբությունը․․․ Եվ ո՞չ թե սիրո իրավունքը․․․
== Գլուխ չորրորդ ==
'''1'''
Ոսկերիչ Վաղինակի տղան՝ Վարոսը, քանդեց օձիքի կոճակները և շարունակեց քայլել։ Անասելի տոթը շնչահեղձ էր անում նրան, և նա չէր կարողանում որոշել դրսո՞ւմն էր այդ տոթը, թե՞ ներսում։ Շափխայի տակից նրա ճակատին թափված մազերը փոշեկալել էին և գորշացել։ Նրա աչքերը հոգնել էին և կորցրել իրենց հանդուգն, կանանց շփոթեցնող արտահայտությունը։ Որոնող հայացքով նա անդադար շուրջն էր նայում, բայց ոչինչ չէր տեսնում։ Մի անգամ միայն նա կանգ առավ, սթափվեց, փորձեց որոշել իր որտեղ լինելը։ Նրա երկու կողմերում Գյումրու միհարկանի տներն էին՝ սև ու նարնջագույն տուֆաքարերից, կամարապատ դարպասներով, դռներով և լուսամուտներով։ Փողոցը լուռ էր ու խաղաղ, այնտեղ ոչ ոք չկար։ Այդ անդորրության մեջ առավել անտանելի էր Վարոսի համար իր խռովահույզ վիճակը։
Ի՞նչ անել, ի՞նչ անել․․․
Ահա Թաթոս հորեղբոր տունն աջ կողմում։ Չմտնե՞լ արդյոք այնտեղ, չխոսե՞լ հորեղբոր կնոջ հետ, չպատմե՞լ նրան այն, ինչ չի պատմել դեռ ոչ ոքի․․․ Բայց ինչո՞ւ պատմել, ի՞նչ կփոխվի դրանից․․․
Գուցե մտնել Փալանջո՞նց մոտ․․․ Ահա նրանց տունը ձախ կողմում։ Եթե Վարոսը մտնի այնտեղ, Փալանջոնց ողջ ընտանիքը դուրս պիտի վազի նրան ընդառաջ, Գոհարը պիտի ամաչի, բայց և հայացքը չխոնարհելով, պիտի ժպտա և աչքով անի խոստմնալից։ Ընտանիքն ուզում է, որ Վարոսն իրենց փեսա դառնա, իսկ Գոհարը սիրում է նրան։ Ինչո՞ւ է սիրում․․․ Ո՞ւմ է պետք․․․ Կամ գուցե մտնել ա՞յս տունը․․․ Վարոսր չի հիշում, կամ չգիտե, թե ում տունն է դա, բայց նրան հարկավոր է ընդամենը մի թաս ջուր խնդրել իր տոթ հոգու համար։ Իսկ ինչո՞ւ խնդրել, ի՞նչ պիտի օգնի ջուրը․․․
Վարոսը հուսահատորեն ձեռքը տարավ դեպի օձիքը՝ քանդելու համար, բայց այն արդեն քանդված էր մինչև վերջին կոճակը։ Իսկ ինչո՞ւ էր ուրեմն այդպես տոթ, չէ՞ որ դեռ լրիվ կեսօր էլ չկար․․․
Նա շոշափեց վիզը, կուրծքը, ապա ձեռքը տարավ ծոցը։ Չհարբե՞լ արդդյոք․․․ Չգնա՞լ արդյոք այդպես հարբած, հասնել իր սիրո և մեղքի դռանը և դառնորեն լաց լինել դրա շեմքի վրա․․․
Վարոսը ծանր հառաչեց և շարունակեց քայլել։ Նրա երկու կողմերում, լուռ և փակ, կանգնել էին միհարկանի տները։ Տափակ կտուրներից հորիզոնական դիրքով դեպի փողոց էին երկարվել մուգ-կարմիր ներկված թիթեղե ջրհորդանները։ Դրանց ծայրերը մի արմունկով կախված էին վար՝ երկարավիզ ինչ-որ կենդանու գլուխների պես։ Առավել նմանության համար այդ վար թեքված գլուխներն իրենց վրա ունեին աքաղաղի ատամնավոր կատարներ, իսկ բերանների երկու կողքերին՝ ատամնավոր ճեղքեր՝ շան ժանիքների նման։ Ձիու վզով, աքաղաղի կատարով և շան ժանիքներով այդ կենդանիներն իրենց թիթեղե կիսաբաց բերաններով կարծես ծիծաղում էին վերևից Վարոսի վրա, ծաղրում էին նրան։
Ավելի շուտ անզգայաբար, քան գիտակցաբար, Վարոսը բաց արեց մոտակա դարպասի դռնակը և մտավ բակ։ Արևի պայծառ լույսի մեջ, գունաթափված ամրապինդ գետնի վրա, կտուցներով կեր էին որոնում հավերը։ Բակում ոչ ոք չկար։
Վարոսը մոտեցավ բնակարանի դռանը՝ ջուր խնդրելու։ Դուռը բաց էր, բայց շեմքի վրա, մարդու կես բարձրությամբ, կախված էր կարմիր ճաղերով դռնակը, որպեսզի հավերը չմտնեն բնակարան։ Բաց էին նաև երկու լուսամուտները՝ դռան մի կողմում։
— Մայրի՛կ,— ձայն տվեց Վարոսը։
Ոչ ոք դուրս չեկավ։ Ըստ երևույթին բնակիչները գտնվում էին փողոցի կողմի սենյակներում։
Վարոսը գնաց դեպի ջրհորը՝ լերկ բակի կենտրոնում։ Դույլը, որ կապված էր ճախարակի վրա փաթաթված երկար պարանից, թողեց ջրհորի մեջ, ապա վեր քաշեց։
Ճախարակի ճռինչի վրա մի հասակավոր մարդ դուրս ելավ բակ։ Վարոսը չնկատեց նրան և դույլը մոտեցրեց շրթունքներին։ Ջրից բուրեց հորի խոնավությունը։ Ջրի վրա Վարոսը տեսավ իր հոգնած դեմքը, նայեց իր խամրած աչքերին և առանց խմելու, դույլը դրեց ջրհորի բերանաքարի եզրին։ Նրա կողքին կանգնած էր տանտերը։
— Ընչի՞ չխմեցիր, ախպոր մանչ։
— Ծարավ չեմ, հորեխպայր։
— Ըպը մեր հայաթն ի՞նչ գործ ունիս,― կասկածանքով ժպտաց տանտերը։
― Գող չեմ, հորեխպայր, ես օսկերիչ Վաղինակի տղեն եմ։
― Օսկերիչ Վաղինակի տղե՞ն․․․
Տանտերն ուրախացած բռնեց նրա թևից։
― Նես արի, ախպոր մանչ, րախին ջրից լավ է։
— Չէ, շնորակալ եմ,— հրաժարվեց Վարոսը,— ջուրն օր չմարեց՝ րախին հեչ չի մարե․․․
Նա գնաց, իսկ տանտերը տարակուսանքով մի պահ նրա ետևից նայելուց հետո մտավ ներս։
Երբ Վարոսը ելավ փողոց և անցավ այդ տան լուսամուտների մոտով, լուսամուտներից մեկն շտապ շառաչով բացվեց և մի ջահել ու գեղեցիկ աղջիկ հատուկ հայացքով նայեց նրան։ Վարոսը հասկացավ, որ տանտերը ենթադրել էր, թե տղան սիրում էր իր աղջկան, և տխուր ժպտաց։
'''2'''
Վարոսը դուրս ելավ դեպի քաղաքի բարձրում փռված դաշտը, որ հարթ և արձակ գնում էր մինչև դիմացի ոչ այնքան հեռակա սարերը։ Վարոսի ձախ կողմում տեսարանը սահմանափակում էին ռազմամթերքների պահեստները, որոնց ետևում Չերքեզի Ձոր կոչված զբոսանքի ձորակն էր։ Ձորակի ետևում, երկարաձիգ բլուրի վրա, գտնվում էր նույնքան երկարաձիգ բերդը։ Բերդի ետևում, հովիտով հոսում էր Ախուրյանը։
Վարոսի աջ կողմում տեսարանր սահմանափակում էր Ռանչպարների մահլա թաղամասը՝ գյուղատիպ տներով, որոնց ետևում Ձորի Բողազն էր։ Դրա ետևում, հարթ տարածության վրա, գտնվում էր քաղաքի ամենահռչակավոր զբոսավայրը՝ Ձիթողցոնց Զաբորը։ Զբոսավայրի ետևում, դրանից բավական հեռու, կայարանն էր։
Թե Չերքեզի Ձորը և թե Ձորի Բողազը քաղաքի այդ վերին մասում կտրուկ ընդհատվում էին դիք պատերի պես, իսկ դաշտով հոսող երկու փոքրիկ ջրերը փոքրիկ ջրվեժներով թափվում էին այդ պատերն ի վար։
Նայելով դիմացի արձակ տարածությանը։ Վարոսը մի պահ շունչ քաշեց ազատ և խորը։ Նրան այնպես թվաց, թե այդ տեսարանի լայնարձակությունն ու հովը շոյեցին իր այրվող դեմքը։ Սակայն, դեռ հազիվ հարյուր քայլ արած, նա զգաց, թե ինչպես նույն հեղձուկը դարձյալ խեղդում է իրեն, և չեն օգնում ոչ դաշտերը, ոչ սարերը։ Չվերադառնա՞լ արդյոք․․․
Նա նայեց ետ՝ քաղաքին։ Նրա ոտքերի մոտից, աննկատելի վայրէջքով, փռվել-տարածվել էր քաղաքր՝ իր ոչ խոր և ափսեաձև ցածրավայրում։ Ընդհանուր գորշ պանորամայի միջից այստեղ ու այնտեղ վեր էին խոյացել սևաքար ու կարմրաքար եկեղեցիների սրածայր գմբեթները՝ արևի տակ պայծառ ու հավասար փայլող խաչերով։ Իսկ քաղաքի մյուս ծայրում, հեռո՜ւ, հեռո՜ւ, թուրքական թաղամասն էր՝ բլուրի վրա։
— Օ՜օ՜օ՜ֆ․․․― մռնչաց Վարոսը՝ ոչ իր ձայնով և երեսը դարձրեց քաղաքից։ Նրան անտանելի էր նայել քաղաքին։ Մեկն այնտեղ մեղավոր է իր սիրած կնոջ մահվան մեջ։ Եթե Վարոսը գտնի նրան, ապա կհոշոտի մերկ ձեռքերով։ Բայց այն է ամենածանրը, որ չի կարող գտնել․․․ Ո՞վ է նա։ Ուստա Մկրտի՞չը․․․ Բայց ուստա Մկրտիչը ոչ միայն չի սպանել Հեղնարին, այլև շիրմաքար է պատրաստում նրա համար; Կամ գուցե Վարոսն ի՞նքն է մեղավոր․․․
Վարոսի սիրտը, որի փեղկերը փակ էին խանութի փեղկերի նման, ցնցվեց։ Մի միտք, ներսում մնացած կատվի պես, չանգռեց փեղկերը։ Միայն մի վայրկյան տևեց այդ անհեթեթ միտքը, թե Վարոսն ինքն էր մեղավոր Հեղնարի մահվան մեջ․․․
Ճիշտ է, տեսնելով ուստա Մկրտչին, Վարոսը փախավ թուրքական թաղամասից, բայց փախավ նրա համար, որպեսզի ուստան, որ չգիտես ինչ գործով էր եկել թուրքական թաղամաս, չտեսներ նրան, չհարցուփորձեր, թե ինչու է նա նույնպես եկել այդտեղ։
Վարոսը երկար սպասեց բոստանների միջով անցնող ճանապարհի անմարդ մի ոլորում՝ մինչև ուստան վերադառնար, որպեսզի նա գնար թուրքական թաղամաս։ Եվ հանկարծ նա տեսավ սանձակոտոր կառքը և կառքի մեջ՝ ուստայի մորը․․․ Ապա ճանապարհը լիք-լցվեց դեպի թուրքական թաղամաս շտապող տագնապահար կառքերով ու մարդկանցով․․․
Վարոսը համարյա ամեն ինչ հասկացավ։ Խելագարի պես ինքն էլ սկսեց վազել դեպի աղետի վայրը, բայց հանկարծ կանգ առավ։ Ինչո՞ւ է գնում․․․ Բաց անելու համա՞ր, որ ինքն է Հեղնարի սիրեկանը․․․ Ոչ, ոչ ոք չպետք է իմանա, որ անառակի անուն հանած այդ երիտասարդի համար է Հեղնարն արատավորել ուստայի անկողինը։ Թող բոլորն այնպես կարծեն, թե կինն այդ արել է ուստայից ավելի արժանավոր մի մարդու համար․․․ Գուցե այդպիսով մի քիչ պակաս լինի այն ցեխը, որ պիտի շպրտի քաղաքը Վարոսի սիրած կնոջ շիրիմի վրա․․․
Եվ Վարոսը վերադարձավ՝ խելագարի նման թափառելու համար քաղաքում և դաշտերում՝ մինչև այսօր․․․
Իսկ գուցե ողջ քաղա՞քն է մեղավոր Հեղնարի մահվան մեջ՝ իր օրենքներով, ադաթով, ողջ քաղա՞քը, որը մեղադրում է Հեղնարին ու նրա սիրեկանին․․․ Իսկ ինչո՞ւ է մեղադրում, սիրո համա՞ր։ Ո՞վ ասաց, թե սերը մեղք է, ո՞վ է գրել այդ օրենքը․․․
Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ չէ՞ թողնել֊հեռանալ Գյումրիից, փնտրել այնպիսի մի աշխարհ, որտեղ, ո՞վ գիտե, ընտանիքի պատիվն էլ է մաքուր, սերն էլ է սուրբ․․․
Վարոսը ցնցվեց։ Հեռանալու միտքը հանկարծակի լույսով լվաց նրա սրտի խավարը։ Իրոք որ, թողնել, հեռանալ․․․ Ի՞նչ ունի ափսոսալու նա Գյումրիում․․․
Բայց Վարոսի մտքերը կտրուկ կանգ առան։ Ձորի Բողազը․․․ Չէ՞ որ դա իր աշխարհն էր։ Նա այդտեղ էր ծնվել ու մեծացել, այդտեղ էր սիրել իր դժբախտ սիրով․․․ Ինչպե՞ս հեռանալ Ձորի Բողազից․․․ Իսկ հեռանալ՝ հարկավոր է, հարկավոր է հենց այսօր, հենց հիմա։ Անտանելի է ապրել Գյումրիում։ Այնտեղ ամեն ինչ Հեղնարին է հիշեցնում, իսկ Հեղնարն այլևս չկա և չի լինի երբեք․․․
Հարկավոր է վերջին անգամ տեսնել Ձորի Բողազը և թողնել֊հեռանալ ընդմիշտ․․․
'''3'''
Ձորի Բողազ գնալու համար Վարոսը թեքվեց աջ՝ դեպի Ռանչպարների թաղամասը։ Նրա կողքերով անցան անտաշ լեռ քարե տներ՝ կտուրների վրա հոտավետ խոտի դեզերով, կալեր՝ գոտկաչափ բարձրությամբ պատերով և պինդ ու ողորկ գետնով։ Անցան կանաչ բացատներում արածող հատուկենտ ուլեր և կառապանների բխոված ձիեր, որ գլուխներն էին թափահարում։
Եվ հանկարծ, անսպասելիորեն, թաղամասը կտրուկ ընդհատվեց, կարծես գետինը միանգամից ճեղքվեց, և Վարոսի անմիջապես ոտքերի տակ, ցածրում, բացվեց Չորի Բողազը․․․ Այս լանջի վրա՝ իրարից ցածր, և այն լանջի վրա՝ իրարից բարձր, տարածված էին տափակ կտուրներ, անպարիսպ բակեր, փողոցներ, կանգնած էին բարդիներ․․․ Ամենից ներքևում, հալված, բայց սառն արծաթի պես, հոսում էր ջուրը։
Ուստա Մկրտչի տունը մյուս ափի վրա էր՝ ուղիղ դիմացը։ Լուսամուտները փակ էին, դուռը փակ էր, փակ էր նույնիսկ ջրհորի բերանը։ Տան առջևի անպարիսպ բակում ևս ոչ ոք չէր երևում։ Բայց հանկարծ Վարոսը նկատեց ծառերից մեկի ստվերում նստած ուստայի մորը, որ գրկել էր թոռանը՝ փոքրիկ Գալուստին, և անշարժացել։
Իսկ շուրջը՝ Ձորի Բողազն էր, որտեղ մի գարնանային օր սկսվել էր Վարոսի և Հեղնարի սերը․․․
․․․Ձորի Բողազում գարուն էր։ Ձյունը հալչում էր և արևն արդեն հաճելի տաքացնում էր մարդկանց մեջքերը։ Ամեն ինչ թաց էր։ Գալիս էր թարմ ու դուրեկան խոնավության բույրը։ Ձորի լանջերն ի վար հոսում էին ջրի մանրիկ շերտեր՝ կարծես ոլորվելով կամ հյուսվելով։ Ջրերը կլկլում էին տարբեր հնչյուններով և հարափոփոխ փայլփլում էին արևից։ Ձորով հոսող գետակն առատաջուր էր, սառը և վճիտ։ Գետինն ամեն տեղ խոնավ էր, մուգ ու փափուկ, այնտեղից բարձրանում էր թանձր գոլորշի, որը սակայն, տեղ֊տեղ արդեն նոսրանում էր, իսկ հողը՝ գունաթափվում և ամրանում։
Երկինքը կապույտ էր՝ արտասովոր հստակ և համահավասար կապույտով։ Ձմեռվա ընթացքում արևի վրա քաշված փառը միանգամից վերացել էր և առարկաներն այժմ նորից գտնվում էին վճիտ ու շեշտակի լույսի մեջ, երևում էին հստակ ու որոշակի մանրամասնություններով։
Դռները և լուսամուտներր բաց էին։ Տները դատարկվել էին, բոլոր մարդիկ և բոլոր իրերը գտնվում էին դրսում։ Արդեն բոլորովին չորացած տափակ կտուրների վրա կամ բակերում՝ բնակարանների արևոտ պատերի տակ, դրված էին արևի երես հանված գույնզգույն ներքնակներ, վերմակներ, գորգեր, կարպետներ, ջեջիմներ, ձյունափայլ սպիտակ բարձեր․․․ Ծառից ծառ կապված պարանների վրա, դուրս հանված աթոռների թիկնակների վրա, կախված և փռված էին վերարկուներ, արդեն սնդուկ դնելու ձմեռային հագուստներ և սնդուկից հանած գարնանային զգեստներ։
Վարոսը նստել էր իրենց տան պատի տակ՝ ինչպես ամեն գարնանամուտին և նայում էր։ Նա մի ձեռքը դրել էր իրենց սպիտակ գամփռի մեջքին, որի փափուկ բուրդը հաճելի տաքացել էր։ Այդ տաքության մեջ ոչինչ չկար վառարանից, այդ տաքությունը գարունն էր։
Վարոսը նայում էր դեպի երկնքի անսահման կապույտը, որտեղով, ուրախ կանչերով, հայրենիք էին վերադառնում կռունկները։ Կապույտ անսահմանությունից լսվում էր նրանց հրաշալի, բարեգուշակ կանչը։ Ներքևում ամեն տեղ, երեսները դեպի երկինք բարձրացրած, երեխաներն աղմկում էին կռունկների մասին, իսկ մի տան արևկող պատի տակ նստած մի ծերունի, կռունկների յուրաքանչյուր կանչին ի պատասխան, մրմնջում էր՝ ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն․․․
Վարոսի մի կողմում, պարանի վրա, երկտակ կախված էին գորգերը։ Դրանց խայտաբղետ պատն արևի տակ վառվում էր խոր և փափուկ ջերմությամբ։
Հանկարծ Վարոսը ցանկություն զգաց՝ ինչպես իր մանկության գարնանամուտներին, մտնել երկտակ կախված գորգերի տակ, ականջների վրա զգալ գորգի ետնակողմի կոշտ, տաք հպումը, քայլել այդ նեղ խավարով, անցնել բոլոր գորգերի անընդհատ շարանի տակով, մինչև որ հանկարծակի վերջանային դրանք, և իր աչքերը շլանային անսպասելի արևից, երեսը միանգամից մրսեր դեռ զով օդից, իսկ գորգերի հպումից ազատված իր ականջները լսեին գարնան բոլոր ձայները՝ հազարավոր մանր ջրերի մեղմ քչքչոցը, թարմ օդի շնկշնկոցը, երեխաների բացականչությունները, ուրախ գզուզ անող երկու շնիկների իբր թե իրար վրա բարկացած մռմռոցը, ձմեռվա ընթացքում դրկցի հասած աղջկա զվարթ ծիծաղը․․․
Վարոսը նույնիսկ վեր ցատկեց տեղից, բայց իր հասակից շփոթված, նորից նստեց։ Նա այլևս չէր տեղավորվի պարանի տակ, իսկ մի քանի գորգերի տաք և մութ միջանցքն այլևս չէր թվա նրան երկար․․․
Քիչ հետո Վարոսը վեր կացավ, կտրեց֊իջավ մի քանի փողոց և սկսեց քայլել տների առջևով՝ գարնան բացվելուց հիացած։ Նա առանց պատճառի ժպտում էր։ Նա նայում էր պատերի տակ արևկող անող, բայց ոչ նիրհող, այլ բավականությամբ տաքացող շներին, ապա հորդառատ դարձած գետակի խշխշան ջրերին, և ոչինչ չէր մտածում։ Նա իրեն զգում էր անհավատալի թեթև, ոչ մի հագուստ չէր զգում իր վրա։ Եվ նա բոլորովին չէր աշխատում ոտքերը փոխել, դրանք շարժվում էին իրենք իրենց։ Նրա կուրծքը դադարել էր ելնել-իջնելուց, օդն ինքն իրեն էր ներս ու դուրս անում նրա ռունգներով։ Իր թեթևությունի՞ց էր, թե հողի փափկությունից, նա ոտքերի տակ գետինը չէր զգում։
Նույն րոպեին, երբ նա անցնում էր ուստա Մկրտչի տան առջևով, դուռը բացվեց, և Հեղնարը, մի ներքնակ գրկած, դուրս եկավ այնտեղից, ներքնակի ետևում կնոջ դեմքը չէր երևում։ Բայց երբ նա ներքնակը փռեց պատի տակ դրված նստելու քարերի վրա և ետ դարձավ՝ Վարոսը կանգ առավ ապշած ու հիացած։
Ո՞վ էր այդ գեղեցկուհին․․․ Մի՞թե ուստա Մկրտչի կինը․․․ Բայց ինչպե՞ս էր եղել, որ Վարոսը մինչ այդ չէր նկատել նրան․․․ Մի՞թե կարող էր պատահել, որ երբեք տեսած չլիներ․․․ Անհնար էր․․․ Ոչ, տեսել էր Վարոսը, Բայց կույր էր եղել՝ դեռ արբունքի չհասած տղայի կուրությամբ․․․
Կինը նկատեց տղային, ժպտաց և հարցրեց․
― Ի՞նչ կուզես, Վարոս։
― Դուն ընձի գիտե՞ս,— զարմացած ուրախացավ Վարոսը։
― Ouկերիչ Վաղինակի էրեխեն չե՞ս։
Վարոսը մահացու վիրավորվեց և մարտահրավեր հանդգնությամբ պատասխանեց․
― Վաղինակինն եմ, հմը երեխա չեմ․․․ Ծոցս կառնեմ՝ կիմանաս․․․
Վարոսի խոսքերից և աչքերի սանձարձակ արտահայտությունից կինը կարմրեց, շփոթված ժպտաց, կծեց շրթունքը և արագ մտավ ներս։
Վարոսը հեռացավ։ Նա զղջաց իր հանդուգն պատասխանի համար, թեև պատանեկան ինքնասիրությամբ շարունակում էր համոզել իրեն, որ լավ վարվեց։ Նա քայլում էր Ձորի Բողազի սքանչելի գարնան միջով և նրա հայացքի առաջ Հեղնարի աչքերն էին՝ խոշոր, սև և շփոթված։ Նա այժմ հարբածի նման էր, գարունն ու Հեղնարը լցվել էին նրա էության մեջ և նա չգիտեր որն էր գարունը և որն էր Հեղնարը։ Իր հանդուգն պատասխանի համար նա պատժված էր, նա անհույս սիրով սիրահարվել էր ուրիշի կնոջ․․․
Սիրո՞ւմ էր Հեղնարն իր ամուսնուն, թե ոչ, կապվա՞ծ էր նրա հետ հոգեկան մտերմությամբ, թե՞ տանում էր իր ակամա ամուսնության լուծը՝ Վարոսը չգիտեր։ Համենայն դեպս, Հեղնարը Ձորի Բողազի ամենապարկեշտ կանանցից մեկն էր, որի գովեստը հաճախ էր լսել Վարոսը դեռ իր մանկությունից սկսած․․․ Հույս ունենալ այդ կնոջ թեկուզև բարյացակամ վերաբերմունքի վրա անհնար էր, մանավանդ Վարոսի տված հանդուգն պատասխանից հետո։
Նույն օրը, կեսօրից հետո, Հեղնարը մտավ նրանց խանութը։ Ներսում միայն Վարոսն էր։ Նա նկատեց, որ կինը հագել էր դրսի հագուստ, և նրան թվաց, թե ավելի բնական կլիներ, եթե նա գար տնական հագուստով, քանի որ տունը հեռու չէր։
Վարոսը վեր ցատկեց տեղից և մոտեցավ նրան։ Հեղնարը գիտեր, որ Վարոսն առևտրով չի զբաղվում, ուստի և նայելով շուրջը, հարցրեց,
― Ո՞ւր է մերդ․․․
Վարոսին նորից թվաց, թե Հեղնարը պատրվակով էր եկել, թեև հնարավոր էր նաև, որ այդպես չէր, որովհետև ողջ Ձորի Բողազը նրանց խանութից էր գնումներ կատարում։ Վարոսը ժպտաց, բռնեց կնոջ ձեռքը և ամուր սեղմելով, նայեց նրա աչքերին և աչքով արեց։
― Ի՞նչ կուզես, սալախանա՛,— շնչասպառ շշնջաց Հեղնարը։
― Վարդ կուզեմ գարնանըս հմար․․․
Հանկարծ Հեղնարը նայեց տղային չափազանց քնքուշ և ձգվեց դեպի նա, բայց իսկույն ետ ընկրկեց և սարսափած գնաց դեպի դուռը։
― Էգվան էս ժամանակ արի թուրքի մայլի ճամբու վրա, ազիզ,— շշնջաց Վարոսը,— ես լավ բան մտածեցի․․․
Հեղնարը դուրս նետվեց խանութից և արագ քայլեց հեռու, կարծես Վարոսի խոսքերը հետապնդում էին նրան։ Նա սարսափով հիշեց, որ հետևյալ օրը, կիրակի, նա իրոք, պետք է անցներ բոստանների ճանապարհով՝ թուրքական թաղամասի մոտով գնալու համար գեպի գերեզմանոց, որտեղ թաղված էր տասնութ տարի առաջ ծնված և նույն տարին մեռած իր առջնեկը։ Տասնութ տարի շարունակ, նա ամեն կիրակի գնում էր այնտեղ արտասվելու, և եթե այս անգամ չգնար, դա անախորժ տպավորություն պիտի թողներ ամուսնու և մանավանդ ամուսնու մոր վրա․․․
Եվ ահա, թուրքական թաղամասում սենյակ վարձելուց հետո, կիրակի օրերը Վարոսը նստում էր իրենց խանութում և անհամբերությունից այրվելով, նայում էր դեպի փողոց։ Վերջապես երևում էր Հեղնարը և անցնում։
Իսկ հետո, երբ նրանք զգացին, որ այդ կերպ նրանց կարող են նկատել, Վարոսն սկսեց Հեղնարին սպասել թուրքական թաղամաս տանող փողոցներից մեկի մԻ ղայֆախանայում։
Վարոսը հիշեց այն խաղաղ, մենավոր բնակարանը, որտեղ նրանց սերն էր ծաղկում։ Նա շրթունքները հպում էր սիրած կնոջ ձյունային սպիտակ պարանոցին և երեխայի պես զարմանում, թե ինչպե՞ս կարող էր այդպիսի սպիտակությունն ունենալ այդքան ջերմություն․․․
Ամեն օր, ամեն օր, Վարոսը պիտի հիշի այդ ամենը․․․ Նրա կոպերը փակվեցին, նա օրորվեց իր կանգնած ժայռակտորի պռունգի վրա։ Էլ ինչպե՞ս ապրել Գյումրիում Հեղնարից հետո․․․ Հեռանալ էր հարկավոր, իսկույն, իսկույն․․․
Հարկավոր էր իջնել Ձորի Բողազ, բարձրանալ մյուս լանջով, անցնել արձակ դաշտով, հասնել Ձիթողցոնց Զաբոր զբոսավայրին, անցնել դրա մոտով, կտրել էլի մի ընդարձակ դաշտ՝ հասնելու համար կայարան․․․ Արդեն որոշում ընդունած Վարոսին դա թվում էր հսկայական ճանապարհ։ Իսկ նա շտապում էր փախչել քաղաքի հեղձուկից, փախչել իր մտքերից, հուշերից, վշտից, փախչել ինքն իրենից, սարսափելի և անտանելի դարձած Վարոսից․․․
Նա դանդաղաքայլ իջավ Ձորի Բողազ։ Որքան իջավ՝ այնքան ավելի ձորը շրջապատեց նրան։ Վերևում փռված աշխարհը դադարեց նրա համար գոյություն ունենալուց։
Կտրելով փողոց֊փողոցի ետևից, քիչ հետո նա արդեն ձորի ներքևումն էր, ուղղակի ջրափին։ Օրորվելով ջրի մեջ շարած ողորկ, կլոր քարերի վրա, նա անցավ առվակը։ Կանգ առավ, նայեց շուրջը։ Ձորը կարծես բռնեց նրա կոկորդից։ Շնչահեղձի նման նա սկսեց արագ֊արագ շնչել, նրա կուրծքը սեղմվեց մի ծանր ճնշումով և մնաց այդպես։ Տագնապած Վարոսն սկսեց շտապ բարձրանալ մյուս լանջով՝ շուտ ազատվելու համար այդ խեղդուկից։
Բարձրանալով դաշտ, նա կանգ առավ մի պահ։ Շուռ եկավ, անհագ ու տանջալի հայացքով մի վերջին անգամ նայեց Ձորի Բողազին և աչքերն ամուր փակեց՝ կարծես այնտեղ պահելու և իր հետ տանելու համար իր աշխարհի պատկերը։ Եվ երբ նորից շուռ եկավ դեպի դաշտ և աչքերը բացեց, նրան թվաց, թե Ձորի Բողազն արդեն այնքա՛ն հեռու էր իրենից․․․ Դաշտը նրան թվաց անսահմանորեն մեծ և անծանոթ։ Նա քայլեց՝ խորասուզվելով հանգստաբեր մոռացության մեջ։
Արևն իջավ հեռավոր կապույտ սարերի ուսին։ Վարոսի վրա ընկավ այնպիսի մի լույս, որ կարծես կարոտ լիներ և թախիծ։ Հորիզոնական ճառագայթների տակ փռված դաշտը դարձավ ավելի անծանոթ։ Ուշացածի շտապ սլացքով մոտեցավ, անցավ, գնաց քամին, որ կարծես թափառական երգասաց լիներ՝ արևի մահը եղերգող։
Արահետը, որ անցնում էր վերջալույսից խամրած դեղին հասկերի տաք ծովի միջով, նեղ էր ու ոլորապտույտ։ Արտն ամեն կողմից ընդհուպ շրջապատել էր Վարոսին։ Քայլելիս նա դիպչում էր հասկերին, որոնք խշշում էին արդեն լիքն ու հասուն։
Ամբողջ արտի համահավասար մակերեսի վրա, որն այժմ ժանգագույն էր երևում իջնող մթության մեջ, տեղ֊տեղ երևում էին այդ մակերեսից վերև բարձրացած միայնակ ցողուններ։ Արևն ընկել էր դրանց հասկերի վրա, որոնք շլացուցիչ պայծառությամբ վառվում էին կիսախավարի մեջ՝ ինչպես Հեղնարի հոգու փրկության համար վառված բարակ մոմեր։ Հեռո՞ւ էին դրանք, թե մոտիկ՝ դժվար էր ասել։ Երբեմն ամենահեռու թվացող մի հասկ հանկարծակի հայտնվում էր Վարոսի հենց կողքին կամ դիմացը։ Իջել էր այն պահը, երբ մարդու աչքերը շաղվում են դեռ չմեռած լույսի և դեռ չծնված խավարի խառնուրդից․․․
Վարոսն իր ճակատի վրա զգում էր հանգչող արևի վերջին լույսը։ Նա քայլում էր՝ նայելով առաջ, հեռուն, այլևս չտեսնելով ոչ հասկերը, ոչ արտը։ Երբ արտն ավարտվեց՝ տեղի տալով պնդացած, քարքարոտ հողին, Վարոսը չնկատեց այդ։ Միայն նրա քայլերը, նեղ արահետից դուրս գալու հետևանքով, արագացան։ Վարոսի ոտքերի տակով, իրար հաջորդելով, սկսեցին անցնել մերթ կոշտ հողը՝ իր վրա տափակացած ցածրիկ ու նոսր խոտով, մերթ հողի տակից դուրս պրծած տափակ ու ողորկ քարերը։
Անցնելով արագաքայլ, Վարոսն այնուամենայնիվ զգում էր հողի ու քարի հաջորդումներն իր ոտքերի տակ, զգում էր ոչ թե ըստ կարծրության, այլ թե ինչպես էին ջերմանում նրա ներբանները՝ մերթ տաք, մերթ ավելի տաք․․․
Եվ հանկարծ Վարոսր կտրուկ կանգ առավ։
Ոչ, այսօր նա չի կարող հեռանալ Գյումրիից։ Ոչ այսօր, ոչ վաղը․․․ Նա հիշեց․ երեկ՝ ուրբաթ օրը, լրացել էր ուստայի պահանջած քառասուն օրը․․․ Ինչպես լսել էր Վարոսն իր տնեցիներից, նույն օրը, թուրքական թաղամասի բոլոր բնակիչներն ատելությամբ ու քլունգներով զինված, հիմնահատակ էին արել Հաբիբայի տունը, արմատախիլ էին արել պարտեզը, սրբել֊մաքրել էին յուրաքանչյուր հետք։ Եվ այժմ, կրելով աղբը հեռու, նրանք այդ տեղը հավասարեցնում, դարձնում էին հրապարակ։ Հրապարակի կենտրոնում, միակ կանգուն մնացած ծառի տակ, սև վարագույրով ծածկված, թաքցված էին ավազանն ու շիրմաքարը։ Վաղը՝ կիրակի, ուստան վերցնելու էր այդ ծածկոցը․․․ Վարոսը Հեղնարի շիրիմին այցի կգնա կիրակի գիշեր։ Մարդիկ չեն տեսնի նրան, և նա կկարողանա շիրմաքարի վրա դրոշմել իր հրաժեշտի համբույրը, որը նա, աշխարհի կամքով, չէր կարողացել դրոշմել հանգած Հեղնարի ճակատին․․․ Ապա արդեն, իր հրաժեշտը տված, նա դուրս կգա Գյումրուց և ոտք կկոխի անհայտ և անիմանալի ճանապարհների վրա․․․
Տափակ քարակտորը, որի վրա պատահաբար կանգ էր առել նա, սկզբում համարյա այրում էր նրա ներբանները։ Բայց այժմ Վարոսի ոտքերի տակ սառնությունն էր, որից նա զգաց, որ վաղուց է կանգնած այդտեղ։
Դանդաղ քայլերով, նորից նույն արտի միջով, Վարոսը վերադարձավ դեպի Ձորի Բողազ։ Երբ հասավ ձորի պռունգին ու նայեց ներքև, նա տեսավ, թե ինչպես իր շրջապատի ուշ վերջալույսի մեջ, այնտեղ, ներքևում, երկարավուն գիշերով ձգվել էր Ձորի Բողազը․․․
Դիմացի լանջի վրա, վերևից մինչև ներքև, մթության մեջ վառվում էին նավթի լապտերների մանրիկ կրակները՝ չլուսավորելով ոչինչ։ Տեղ֊տեղ դրանք ձգվում էին երկար շարքերով, տեղ֊տեղ խռնված էին անկանոն՝ վերև, ներքև, խիտ, հատուկենտ․․․ Թվում էր, թե դրանք մանրիկ կայծեր են՝ դատարկ մթության մեջ քարացած։
Իրարից շատ հեռու, բարձր սյուներից կախված, վառվում էին գազի լապտերները։ Մոտիկ մի լապտերի սպիտակ լույսը փոքրիկ սկավառակով լուսավորում էր փողոցի մի հատված, հայտնաբերում խավարում կորած ինչ֊որ ծառի կեսը, փայլում արդեն քնած մի տան մութ ապակիների վրա, որի լուսամուտը փեղկեր չուներ։ Մի այլ տան լուսամուտափեղկերի ճեղքերից երևում էին լույսի դեղնավուն երիզներ։
Իսկ այն լանջի վրա, որտեղ Վարոսն էր կանգնած, մթության մեջ հազիվ երևում էին տափակ կտուրների մի քիչ գունատ քառանկյունիները՝ ավելի և ավելի իրարից ներքև։ Դրանց միջև, ավելի մեծ քառակուսիներով, երևում էին մութ բակերը։ Ծառերի մուգ կերպարանքներն ամեն տեղ կտրատում էին տեսարանը։
Ձորի Բողազն էր փռված այնտեղ՝ իր քարքարոտ և ամայի սկզբից մինչև լայնատարած քաղաքը։ Ինչպես մթության մի գետ, որն իր ալիքների վրա տանում է հանգչելու պատրաստ մանրիկ կայծեր, այն հոսում էր դեպի քաղաք՝ լուծվելու դրա մեջ․․․
'''4'''
Գյումրու հյուսիսում, որտեղ քաղաքի վերջին տները բարձրանում էին դեպի լայնարձակ դաշտը և այնտեղ ընդհատվում, գտնվում էր Ձիթողցոնց Զաբոր կոչվող զբոսավայրը։
Քաղաքը ներկա էր այգու շուրջը։ Այգուց դեպի ձախ, բավական ընդարձակ տարածությունից այն կողմ, գտնվում էր Ձորի Բողազը, որը թեև բոլորովին չէր երևում, բայց դրա ներկայությունն զգում էին բոլորը։ Ձորից այն կողմ երևում էր Ռանչպարների թաղամասը։
Այգուց դեպի աջ, ավելի ընդարձակ տարածությունից այն կողմ, երևում էր կայարանը՝ գորշ շենքերի և կանաչ ծառերի երկար շղթայով ձգված։
Այգու վերևում դաշտն էր իր դեղին արտերով, որ տարածվել էր մինչև կանաչին տվող ոչ այնքան հեռու ցածրիկ լեռնաշղթան։
Այգու ներքևում, երկու քայլի վրա՝ քաղաքն էր։ Խճուղու մի կարճ և լայն կտոր այգու մոտից իջնում էր դեպի մի փողոց և միանում դրան։ Այնուհետև, հեռու, շատ հեռու փռված էր քաղաքը կեսօրի արևի տակ՝ լուսամուտների պսպղացող ապակիներով, եկեղեցիների ոսկեփայլ խաչերով և նեղիրան ու բարձրահասակ բարդիների սրաձայր գագաթներով․․․
Յուրաքանչյուր կիրակի, վաղ առավոտից սկսած, քաղաքի բոլոր կողմերից դեպի Զիթողցոնց Զաբոր էին սլանում կառքերը։ Դա քաղաքի այն զբոսավայրն էր, ուր գնում էին ոչ թե խնջույք անող տղամարդիկ կամ սեր անող զույգեր, այլ ամբողջ ընտանիքներ։ Կառքերում նրանք տանում էին ինքնաեռներ, թեյի և ճաշի պարագաներ, ուտելիք։ Ճիշտ է, տանում էին նաև խմիչք, գնում էին նաև դաուլ-զուռնայի խմբեր և սազանդարներ, սակայն կանանց ու երեխաների ներկայությունը չափավոր և զուսպ էր դարձնում գինարբուքն այդ այգում։
Սլանալով քաղաքի բոլոր կողմերից, կառքերը դեպի այդ այգին տանող վերջին փողոցում վերածվում էին համարյա անընդհատ մի հոսանքի։ Օդի մեջ կանգնում էր արևափայլ սպիտակ փոշին՝ բարձրանալով քառասմբակող ձիերի ոտքերի տակից և անիվների, որ ունեին կարմիր ներկած փայտե կամ պսպղուն նիկելե շառավիղներ։ Փողոցը լցվում էր զվարթ մտրակող և իրար հետ մրցող կառապանների ուրախ կանչերով և կառքերում նստածների ծիծաղ ու զրույցով․․․
Կեսօրին մոտ համարյա դադարում էր ընտանիքներին այգի տարած և դատարկ վերադարձող կառքերի հոսանքը։ Քաղաքը դատարկ էր լինում, իսկ այգում տիրում էր ուրախ բազմամարդություն․․․
Խաղաղ և գեղեցիկ ծառաստան էր այգին, դյութիչ և հիանալի վարդաստան։ Բայց ծառերն այնտեղ հաստաբուն չէին և ստվերախիտ, վարդերը համատարած չէին և առատ։ Ընդհակառակը, արևոտ և զվարթ էր այգին, նոսրատերև մատղաշ ծառերն այնտեղ կանգնած էին առանձին-առանձին, վարդի թփերը դրանց միջև կանգնած էին կարճ շարքերով կամ փոքրիկ խմբերով, իսկ արձակ տարածությունները ծառերի և թփերի միջև՝ ծածկված էին ցածրիկ, բայց խիտ կանաչով։
Մի փոքրիկ, գեղեցիկ տնակ կար այգու կենտրոնում՝ մեծ ծառերի ստվերով շրջապատված։ Տնակի առջևում, տնակից ավելի մեծք մի քառակուսի ավազան կար, որը, կենտրոնից բխող շատրվանի փոխարեն, ուներ պռունգներից մեկի վրա կանգնած աղբյուրաքար, որի փայլուն խողովակից ջուրն արծաթապայծառ կամարով իջնում էր ավազան՝ իր անկման տեղի շուրջը գոյացնելով նեղ, հետո ավելի և ավելի լայն, բայց հետզհետե հանգչող օղակներ։ Ավազանի մյուս պռունգին, աղբյուրաքարի դիմաց, քարե մի քանի աստիճաններ իջնում էին դեպի ջուրը։ Աստիճաններից ներքևինները ծածկված էին ջրով, և դրանց վրա, ջրի միջով, փայլում էին արևի խոշոր բծերը։ Հետզհետե բարձրացող ջուրը թեթևակի ճոճումով ելնում-իջնում էր մի աստիճանի վրա՝ ճողփյունով ապտակելով դրա մակերեսը։
Երիտասարդներն իրենց ընկերներով, և աղջիկներն ընկերուհիներով կանգնում էին վարդի ու յասամանի թփերով, նարգիզ ու մեխակ ծաղիկներով, սուսամբարի բուրավետ տերևներով շրջապատված և ծառերի մեջ կորած այդ տնակի մոտ, արևոտ ավազանի եզրերին, և երազում էին։
Երեխաները վազվզում էին ամեն տեղ, պահմտոցիկ էին խաղում թփերի միջև։
Յուրաքանչյուր ծառի ստվերում, խոտի կամ գորգերի վրա, բարձիկներին կռթնած կամ մեջքերը բարակ ծառարներին հենած, նստում էին տղամարդիկ, կանայք։ Ծառերի խայտաբղետ ստվերների մեջ բացվում էին սպիտակ սփռոցներ, որոնք իսկույն ծածկվում էին ուտելիքներով լի ափսեների, շշերի, լավաշի, կանաչու, համեմունքի տակ։ Յուրաքանչյուր թփի մոտ, առանց ծխի, փայլում էին խորովածի ածուխների կրակները, պսպղում էր արծաթագույն կամ ոսկեգույն ինքնաեռը, իսկ աղբյուրի ավազանի մեջ, զամբյուղներով, զովանում էին խմիչքի շշերը։ Ամեն կողմից, հեռու և մոտ, լսվում էին դաուլ-զուռնայի ձայներ՝ զուսպ, կամացուկ, իրար չխանգարող, զբոսավայրի խաղաղ բնույթին համեմատ։
Եվ միայն այգու մի եզրին, անպատվանդան, ուղղակի գետնի վրա, դրված էր փայլուն սև մարմարից մի քառանկյունի շիրմաքար։ Դրա գլխավերևում կանգնած մեծ ուռենին դրա վրա կախել էր իր ստվերը՝ կիսով չափ մթագնելով այն և իր ճյուղերն արտացոլելով դրա սև հայելու մեջ, մինչդեռ մյուս կեսի վրա տիրապետում էր ջեռ արևը։
'''5'''
Պայծառ խաղաղությունն արևով և ուրախությամբ փռվել էր այգու վրա։ Ոչ մարդիկ, ոչ նվագարանները, ոչ աղբյուրը, ոչ ծառերը չէին արձակում ոչ մի խանգարող ձայն, ոչ մի բարձր հնչյուն։ Հավիտենական խաղաղությամբ նետվել էր հավուզ-ախպուրի արծաթե անշարժ կամարը՝ խողովակից ավազան, շուրջը տարածվել էր ծաղիկների ամենամեղմ բույրը։ Երբեմն, շարժելով և հազիվ լսելի խշշացնելով ծառերի սաղարթները, կեսօրի հաճելի տաք օդի միջով սահում-անցնում էր պատահական հովը։
Դաուլ-զուռնաների հանդարտասահ նվագի շուրջը հավաքված, մարդկանց խմբերը լուռ ունկնդրում էին դրանց անբարբառ պատմությունները։ Այստեղ ու այնտեղ, կարծես երազի մեջ, օրորվում էր կանանց կենտապարը։
Եվ հանկարծ, այգու խաղաղ տեսիլի վրա տարածվեց հուժկու, առնական մի ձայն․
― Ալա՜ն․․․ բուլա՜ն․․․
Կանգնել էր մունետիկն այգու պռունգին։ Վայրկենապես բոլորի ուշադրությունը լարվեց դեպի նա։ Նվագը լռեց, ընդհատվեցին բոլոր ձայները, լսելի դարձավ ծառերի զգույշ խշշոցը։
― Գնացե՜ք․․․ թուրքերո՜ւ․․․ թաղը․․․ Տեսե՜ք․․․ Հեղնար ախպուրի՜․․․ հրա՜շքը․․․
Մարվող վերջին հնչյունների հետ միասին կարծես լուծվեց նաև մունետիկի կերպարանքը։ Դեռ մի պահ քարացել-մնացել էր զվարճացող կիրակնօրյա Գյումրին, ապա միանգամից լսվեցին հարյուրավոր բերաններից թռած կանչերը․
― Ֆայտո՛ն, ֆայտո՛ն, ֆայտո՛ն․․․
Փոշու խուլ ամպերի մեջ կորած, արդեն սլացան-գնացին մի քանի կառքեր, բայց հարկավոր էին ոչ թե մի քանիսը, այլ շատ, շատ։ Բայց կառքերը վերադարձել էին քաղաք և միայն իրիկնադեմին պիտի գային այգի՝ գյումրեցիներին ետ տանելու համար։
Մի քանի տղամարդիկ թողեցին փռված լի սփռոցը և վազեցին հետիոտն։ Նրանց հետևեցին բաղմաթիվ ուրիշները։ Ընտանիքով եկածներն շտապ հավաքեցին իրենց իրերը, հանձնեցին իրենց կամ դրկցի տղայի պահպանությանը և շտապեցին քաղաք՝ կառք ճարելու։ Սակայն ոչ ոք չէր ուզում մնալ՝ պահպանելու գորգերն ու ինքնաեռները, բարձերն ու ամանեղենը։
Մի քանի րոպեում այգուց դեպի քաղաք իջնող լանջը և ապա ներքևի փողոցը լցվեցին վազող, փոշու և քրտնքի մեջ կորած մարդկանց հեղեղով։
Եվ հանկարծ, դիմացից լսվեցին բաղմաթիվ սմբակների դոփյուններ, երևացին փրփրաբերան ու սանձակոտոր ձիերով կառքեր, կառքեր, կառքեր․․․
Կառքերն սկսեցին հասնել մարդկանց հեղեղին, անմիջապես լցվել բերնեբերան և, իսկույն շուռ գալով, սրընթաց անհետանալ փոշու և արևի մեջ․․․ Զարմացած ոստիկանների շվար կերպարանքների մոտով դրանք ամեն վայրկյան փայլատակում էին և անցնում, կտրում քաղաքը հյուսիսից հարավ, ապա թեքվում էին դեպի բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը։ Բոստանների պատերը սեղմում էին դրանց հեղեղը, հեղեղը կորցնում էր իր լայնությունը, բայց դառնում էր ավելի սրընթաց։
Սպառնալով կտոր-կտոր անել կառքերն ու մարդկանց, փրփրաբերան ձիերը խրտնած վազքով բարձրանում էին թուրքական թաղամասի լանջով՝ իրենց ետևից տանելով կառքերն ինչպես թեթև տաշեղներ։ Օդի մեջ սուր շվոցով ֆշշում անցնում էին մտրակները, ինչպես հեռվից արձակած գնդակներ։
Հասնելով թաղամասի առաջին փողոցին, մարդկանցից ոմանք անհամբերությունից մթագնած ուղեղով ցած էին թռչում իրենց վազքը չդանդաղեցնող կառքերից՝ այդ կառքերից ավելի արագ տեղ հասնելու անմիտ ցանկությամբ։
Այնտեղ, որտեղ դեռ ուրբաթ օրը Հաբիբայի տունն ու պարտեզն էին, այժմ փռված էր հարթ և ընդարձակ մի հրապարակ։ Հրապարակի չորս կողմերում կային չորս փողոցներ, որոնցով գալիս էին հրաշքի մոտիկությունից արդեն վարանած դանդաղընթաց կառքերը։ Մարդիկ իջնում էին վար և ակնածանքով ու կամացուկ մտնում հրապարակ։
Ոլինչ չկար։ Հրապարակր դատարկ էր։ Միայն դրա կենտրոնում գտնվում էր Հաբիբայի ավազանը։ Սակայն այլևս շատրվան չկար դրա մեջ, և ջուր չէր ցայտում այնտեղից։ Զիթողցոնց Զաբորի հավուզ-ախպուրի նման, ավազանի մի պռունգի վրա ուստան կառուցել էր աղբյուրաքար, որն այժմ կանգնած էր միակ մնացած ծառի ստվերում։ Աղբյուրաքարից հոսող ջուրը սակայն, չէր հավաքվում ավազանում, այլ իր անկման տեղը մի փոքրիկ անցքով իսկույն իջնում էր գետնի տակ՝ ավազանի սալած հատակը թողնելով չոր։ Ավազանի մյուս պռունգից, աղբյուրագլխի դիմացից, քարե մի քանի աստիճաններ իջնում էին ավազան։
Չորս կողմից, շարունակ և անընդհատ, գալիս էին վայրկյան առաջ հրաշքը տեսնելու ցանկությունից լռած ու սառած մարդիկ։ Ավելի մոտենալու համար նրանք շարունակ սեղմում էին իրենց առջևում կանգնածներին, իսկ առջևում կանգնածներն անթարթ հայացքներն աղբյուրին հառած և հասկանալով, որ այնտեղ է հրաշքը, չէին վստահանում մոտենալ։ Սակայն ամեն կողմից հորդում էին նորերը, ավելի համառ էին սեղմում ետևում կանգնածները։ Առաջինները փոքրիկ և ակամա քայլերով մոտենում էին Հեղնար աղբյուրին․․․
Ի՞նչն էր այդտեղ հրաշքը․․․
Ետևից գալիս էին անվերջ, մարդկային օղակը Հեղնար աղբյուրի շուրջը սեղմվում էր ավելի և ավելի։
Առջևում գտնվող մարդկանցից մեկը հանկարծ ուշադիր նայեց աղբյուրի սև գլխաքարին և այնտեղ, խողովակի վերևում դրված կարմրաքանդակ շրջանակի մեջ, կարդաց․
«Ամմեն մե կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ հեչ մեկմ իրավունք չունի խմելու էնոր ջրեն»։
Այժմ արդեն, ընդհուպ մոտեցած, կարդացին նաև ուրիշ շատերը և զարմացած, լուռ ու տարակուսանքով, նայեցին իրար։ Մի՞թե այդ հասարակ և բոլորին պարտադիր օրենքի մեջ էր Հեղնար աղբյուրի հրաշքը․․․
Չբավարարված հետաքրքրությունից և չլուծված գաղտնիքից անհանգստացած, մոլոր պտտվում էին փոշոտված ու քրտնած մարդկանց հայացքները։ Վերջապես նրանցից մեկը հոգնած մի հոգոց արձակելով, հանեց շափխան, թաշկինակով սրբեց ճակատը և Հեղնար աղբյուրի աստիճաններով իջավ ավազան՝ խողովակին մոտենալու և ջուր խմելու համար։ Բայց հազիվ ոտքը վերջին աստիճանից ավազանի հատակին դրած, նա գունատվեց և երեսնիվայր տարածվելով աղբյուրի առջև, բացականչեց սարսափահար․
― Մեղա՛, մեղա՛ քեզի, տեր, ես սրբապղծութուն չէի ուզե էնե․․․ Չիտեի, տեր, վենձ է քու հրաշքդ․․․
Չզարհուրած, բոլորը նայեցին խողովակին։ Հազիվ մարդն ավազան իջած՝ ջուրը կտրվել էր։ Բոլորը տեսան, թե ինչպես աստված ինքն իր հրաշքով հաստատեց ուստայի քանդակած խոսքերը, որ «Ամմեն մե կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ հեչ մեկմ իրավունք չունի խմելու էնոր ջրեն»։
Մարդը դողացող ծնկներով, իր հազիվ չկատարած սրբապղծությունից սարսափահար, դուրս ելավ ավազանից։ Հեղնար աղբյուրի անարատ ջուրն անմիջապես սկսեց նորից հոսել․․․
Ոչ ոք չէր համարձակվում կրկին ստուգել աստծու հրաշքը, սակայն ոչ ոք չէր ուզում նաև հավատալ իր աչքերին, որոնք բացվելուց ի վեր երբեք չէին տեսել ոչ մի հրաշք․․․ Եվ ահա, վերջապես, մի ուրիշը վճռեց մտնել ավազան։ Երբ ջուրը նորից կտրվեց, այդ մարդու հետ միասին ծունկ չոքեցին հրապարակում հավաքված բոլորը՝ թե հայ, թե հույն, թե թուրք, և միասին ծեծեցին իրենց կուրծքը․
— Մեղա՛․․․ մեղա՛․․․․ մեղա՛․․․
Մարդը վախից թուլացած իր ոտքերը հազիվ դուրս քաշեց հրաշք֊աղբյուրից։
Գունատված շրթունքների կցկտուր շշուկներով լուրն անցավ ետևում կանգնածներին, որոնք չէին տեսնում ոչինչ։ Նրանք սկսեցին անհամբեր և բորրոքված առաջ հրհրվել։ Այս անգամ առաջինները հլու տեղի տվեցին նրանց, որպեսզի նրանք ևս տեսնեին, բոլորը տեսնեին, թե ինչպես աստված գալիս է հաստատելու ընտանիքի սրբության հին օրենքը և դատապարտելու մարդկանց կողմից արդեն դատապարտված այն անառակին, որը զանց էր առել այդ․․․
Եվ նորից, շարունակ ավելի և ավելի մեծ տագնապով ու դողով, մարդիկ սկսեցին ստուգել աստծու հրաշքը՝ իջնելով ավազանի մեջ՝ թե սանդուղքներով և թե պատերից ցատկելով։ Համոզվելով, որ ոչ ոքի չի տրված խմել Հեղնար աղբյուրի ջրից, նրանք հեռանում էին դեպի ետին շարքերն այն խոր զղջումով, որ հանդգնել էին միայն սեփական աչքերով հրաշքը տեսնելուց հետո հավատալ դրան․․․ Նրանք որոշում էին հետևյալ իսկ կիրակի օրը զոհ մատուցել Գյումրու հռչակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն և զոհի արյունը եկեղեցու սրբատաշ պատին քսելով՝ քավել իրենց թերահավատության մեղքը․․․
Սարսափից չռված աչքերով մի կին, ավազանում չոքած, հայացքը դեպի ցամաք խողովակը դարձրած, մրմնջաց անլսելի․
― Ներե, տեր ասպած, ներե ընձի, իմ մտքես էնպես է անցե, թե Հեղնարի մեղքն էնքան էլ վենձ չէ էղե․․․
Հավաքվածները նայում էին նրան ու թեև չէին լսում նրա խոսքերը, բայց տեսնում էին նրա զղջումը։ Երբ նա դուրս ելավ ավազանից, նրա փոխարեն աղերսի իջավ մի տղամարդ, որը նույնպես իր հոգու խորքում շատ չէր մեղադրել Հեղնարի սիրեկանին․․․ Եվ բոլոր նրանք, ովքեր ավազան էին իջնում մեղքի բեռն ուսերին, այնտեղից գուրս էին գալիս մաքրված, աղբյուրի ճակատի խոսքերն իրենց հոգու ամենախոր խորքում հավիտենապես դրոշմած․․․
Աղբյուրին մոտեցան և հերթով ավազան իջան Հեղնարի եղբայրը, ընկերուհին, ազգականները․․․ Սակայն վայրկենապես ցամաքած խողովակի վերևից օրենքն ասում էր նրանց, որ ամուսնացած կնոջ տերն այլևս նրա ամուսինն է, և նրա վրա իրավունք չունի նույնիսկ ծնող մայրը, նույնիսկ հարազատ եղբայրը․․․
Սևաքար աղբյուրագլխի ճակատին, խողովակից բարձր, կարմիր քարի վրա քանդակված, քարացել էին ահեղ օրենքի խոսքերը։ Եվ դրանց գերբնական հաստատմանն ի տես, բոլոր հավաքվածները նորից ծունկ չոքեցին։
'''6'''
Արևն իջավ։ Այժմ դրա վերջալույսային ճառագայթները հավաքվածների վրա ընկան հեռվից և շեղակի։ Չնայած անցել էր բավական ժամանակ, բայց դեռ ոչ ոք չէր հեռացել թաղամասից: Ընդհակառակը, ավելացել էին ուրիշ շատերը, եկել էին նվիրական Ախուրյանի ափից, այլ զբոսավայրերից, քամվել էին քաղաքից։ Փողոցներն ու նորաբաց հրապարակը, որ դեռ քիչ առաջ մի կերպ տեղավորել էին հավաքվածների բազմությունը, այժմ անկարող էին ընդգրկել բոլորին։ Այժմ թուրքական ամբողջ թաղամասն էր վերածվել հրաշալի ապացույցի առջև համրացած մարդկանց ծովի։ Վխտացող բազմության կենտրոնում վճիտ ու խաղաղ հոսում էր ոչնչով աչքի չընկնող փոքրիկ աղբյուրի ջուրը։ Սակայն իսկական մի հրաշք, տեսանելի և շոշափելի, մարդկային ձեռքի այդ պարզ կառուցվածքը դարձրել էր հրաշալի և սուրբ։ Հավաքված բազմության բացարձակ լռությունն ապացույց էր, թե ինչ ակնածանք և վախ էր ներշնչել հրաշքը։
Եվ հանկարծ, ինչպես որոտ այդ լռության մեջ, թաղամասի հեռու ծայրից լսվեց մի խելագար ձայն, որն արագ մոտենում էր, կարծես մեկը փախչում էր սպանողների ձեռքից կամ ինքն էր արշավում՝ սպանելու։
Այդ եկվորի հանդեպ մարդկային ծովը ճեղքվում էր նրա մոտենալուց դեռ առաջ, կարծես թրով, և եկվորն անարգել վազում էր դեպի Հեղնար աղբյուրը։ Թվում էր, թե նա մոլեգնաբար հայհոյում էր ամենահրեշավոր բառերով, սակայն անկարելի էր որևէ բան հասկանալ նրա անկապ բառերից։
Դեռ նախքան նրան տեսնելը մարդիկ զգացին՝ իրենք էլ չիմանալով, թե ինչից, որ նա Հեղնարի սիրեկանն է։ Եվ նեղ միջանցքը մարդկանց միջև՝ բացվեց մինչև ուղղակի Հեղնար աղբյուր։
— Ո՞ւրտեղ է,— որոտաց աղաղակը, և երևաց Վարոսը։ Ոչինչ չտեսնող իր հայացքը հածելով չորս կողմ, սարսափահար անելով մոտիկ կանգնածներին, որոնք ետ ընկրկեցին նրանից, նա նորից աղաղակեց,— ո՞ւրտեղ է, ցուց տվեք, ես ձեր ծնողների, ես ձեր զավակների, ես ձեր․․․ Վո՞վ կրսե, թե ամմեն մե կնիկ իրան մարդու ախպուրն է․․․ Սերն է տերը, ոնչ թե պսակված մարդը․․․ Ցուց տվեք ախպուրը․․․ Ե՛ս պիտի խմեմ էնոր ջրեն՝ մինչի կշտանամ․․․ Իմս է սերն էլ, ջուրն էլ․․․ Սերն ասսանից է, սերն է իրավունքը․․․
Գզգզված, փոշոտված, քրտնած, ծանր հևալով, նա նորից կատաղած նայեց աջ ու ձախ։ Թվում էր, թե ահա պիտի հարձակվի մեկնումեկի վրա և խեղդի։ Մարդիկ ընկրկեցին, և նրա առջևի արահետը վերածվեց պողոտայի։
Միայն այժմ նկատելով աղբյուրը, Վարոսը նետվեց դեպի այն։ Հասնելով ավազանի պռունգին, նա կանգ առավ, մի վայրկյան նայեց աղբյուրի ջրին, կարդաց գիրը, ապա վստահ քայլերով մտավ ավազան։
Ինչպես բոլորի, նրա առաջ ևս, ջուրը կտրվեց։
― Հեղնա՛ր,— բացականչեց Վարոսը։
Հրապարակով սարսուռ անցավ։
— Ես եմ, ազիզ,― պոռթկաց ծանր ճիչը Վարոսի շանթահար կրծքից,― չե՞ս ճանչե ընձի․․․
Ցամաքած աղբյուրի խողովակից ընկավ վերջին կաթիլը։ Վարոսը տարտամ շոյեց ճակատը և շարունակեց անթարթ նայել աղբյուրին։ Նա կարծես չէր կարողանում ըմբռնել, որ կատարվեց անհավատալին, որ աստված ինքն իր բացորոշ հրաշքով մերժեց սիրո իրավունքը և հաստատեց ընտանիքի սրբությունը․․․
― Յա՛,— բացականչեց Վարոսը՝ հանկարծ ցնցվելով ահից,— ջուրը ցամքավ․․․
Նա շվար հայացքը հածեց շուրջը՝ կարծես օգնություն հայցելով, բայց մարդիկ նայում էին առանց արտահայտության և անկարեկից։ Վարոսը զարմացավ, որ ոչ ոք տեղից չի շարժվում, ոչ ոք քար չի բարձրացնում գետնից՝ նրան սպանելու։ Այդ նրա համար ավելի լավ կլիներ, քան բութ անշարժությունը․․․
Վարոսը նայեց աղբյուրին, սանդուղքի վերջին աստիճանի մոտից անհաստատ քայլերով մի կերպ կտրեց մինչև աղբյուրագլուխն ընկած երկու քայլը, ձեռքը դրեց փայլուն խողովակի վրա և սկսեց անիմաստ շոյել մետաղը։ Ապա հանկարծ, թե բոլորի համար անսպասելի, թե իր, ընկավ ծնկաչոք և գոռաց․
― Մեղա՛ քեզի, տեր, մեղա՛ քեղի, Հեղնար․․․
Նրա ձայնը մի մեծ մտրակի շրմփոցով խփվեց հավաքվածների բազմությանը և անցավ։
― Մեղա՛ քեզի, տեր,— կրկնեց Վարոսը և ձեռքը տանելով դեպի օձիքը, պատռեց, վար քաշեց վերնաշապիկն ու ներքնաշապիկը։— Մեղա քեզի՝ քու սխալված հողածնիցդ։ Ես էնպես գիտեի, թե դուն իրավունքը սիրուն կուտաս, մեղա քեղի, ասպա՛ծ․․․
Նա բռունցքներով ծեծեց իր մերկ կուրծքը։ Պատառոտված հագուստի ծվենները ճոճվեցին անօգնական։
― Մեղա՛ քեզի, Հեղնար, պատճառը ես եղա, օր դուն հոգով-մարմնով կորիս․․․ Մեղա՛ քեզի, ազիզ, որ մարմինդ էս պզտի ջրի տակն է, հոգիդ էն վենձ կրակի վրա․․․
Ապա ոտքի կանգնելով, գլուխը բաց, կուրծքը բաց, նա ետ նետվեց ցամաքած խողովակից։
— Թողութո՛ւն էղնի, քեզի, Հեղնար, օր իմ դժողքային սերս ընդունեցիր։ Թողութո՛ւն էղնի քեզի, ազիզ, օր մե գիշերմ էկար ու մարդասպանութան գործն ընձի սորվեցուցիր․․․․
Ապա նորից առաջ նետվելով ու տագնապած համբուրելով ցամաք աղբյուրի փայլուն խողովակը, նա կերկերաց․
— Ես բոբլիկ ոտքով Երուսաղեմ կէրթամ, Հեղնար, ես Քրիստոսի գերեզմընեն թողութուն կխնդրեմ իմ ու քու էրած չէնելիքի հմար․․․
Ոտքերից արագ֊արագ հանելով ոտնամաններն ու գուլպաները և շպրտելով մի կողմ, նա շուռ եկավ և դուրս ելավ ավազանից՝ անմիջապես իր քայլերն ուղղելու համար դեպի սրբազան քաղաքի աներևակայելի հեռուն։ Բայց Երանոսի միջնեկ եղբայր Գեղամը, արյունով և ապա օղիով թաթախված դանակը ձեռքին, կտրեց նրա առաջը․
― Կեցի՛․․․ Քու Երուսաղեմդ էնքան էլ հեռու չէ․․․
Վսրոսը կանգ առավ և առանց դիմադրելու, բայց և առանց հպարտության, իր մերկ կուրծքը դեմ արեց վրիժառուին։ Գեղամը բարձրացրեց դանակը՝ ուժգին թափով իջեցնելու համար, բայց նույն րոպեին հայրական մի ձեռք ետևից բռնեց նրա թևը։
— Մի՛ էնե, օղուլ,— իր խաղաղ ձայնով խրատեց չգիտես որտեղից հանկարծակի հայտնված ուստան։― Թող էրթա։ Ասսու քաղաքն էրթըցողի ճամբեն չեն կտրե․․․
Ապա, ճանաչելով երիտասարդի ձեռքում բռնած դանակը, նա տխուր ժպտաց և, կարծես ափսոսանքով, օրորեց գլուխը․
― Քեզի չե՞մ ըսե, օղուլ, օր էդ դանակն իրան ամմեն չարութունը դարտըկել է, էդոր մեջ մեննակ բարին է մնացե։ Էդ դանակով մարդ չի սըպանվի․․․ Եվ ապա դառնալով դեպի Վարոսը, ձեռքով արեց՝ գնա․․․
Վարոսը գնաց։
Երբ նրա կորաքամակ, կարծես ծերացած, գլխաբաց ու բոբիկ, կիսամերկ ու փռչոտ կերպարանքն անհետացավ, ուստան խաչակնքեց իրեն, դանդաղ քայլերով իջավ ավազան, մոտեցավ խողովակին և բոլորի աչքի առաջ խմեց Հեղնար աղբյուրի ջուրը․․․ Խմեց, հանեց շափխան, ետ տարավ արխալուղի փեշը, վերցրեց գոտուց կախված և իր ծայրով համարյա գետնին քսվող մեծ, վառ-կարմիր թաշկինակը, սրբեց իր պայծառ ճակատի վրայից քրտնքի մարգարիտները և մի անգամ ևս նայելով հոսող անապակ ջրին, նույն դանդաղ քայլերով դուրս ելավ ավազանից և գնաց․․․
Բոլորը նայեցին նրա ետևից և տեսան, թե ինչպես խաղաղ ու վեհ էր հեռանում բարձրահասակ, նեղիրան ուստան՝ աղբյուրների հռչակավոր վարպետը․․․
Եվ երբ նրա հեռանալուց հետո բոլորը միանգամից նորից շուռ եկան դեպի Հեղնար աղբյուրը՝ հրաշքը վերացել էր իսպառ, և ջուրը ցամաքել էր ընդմիշտ․․․
'''7'''
Եկավ քրեական ու բժշկական քննությունը և տեսնելով բոլորովին անջուր մի աղբյուր, պատահած դեպքն արձանագրեց իբրև անհասկանալի պատճառներից դրդված թյուրատեսություն։
'''8'''
Եվ մնաց մի սովորույթ։ Փողոցներում, թե տներում, խնջույքի, թե աշխատանքի ժամանակ, աղբյուրների հռչակավոր վարպետին բարևելուց հետո գյումրեցիները մի պահ նայում էին նրա ետևից և մրմնջում․
― Պայծառ մնաս, ուստա Մկրտիչ․․․
== Վերջաբան ==
'''1'''
Այն լանջի վրա, որտեղ առաջ քաղաքի թուրքական թաղամասն էր ընկած, այժմ ոչինչ չկար։ Թեև ներքևում առաջվա նման փռված էին բոստանները, իսկ դրանց ետևում լայն ու հեռու տարածված էր քաղաքը, թեև բլուրի բարձրում հեռու տարածված էր դաշտը, և հորիզոնի վրա կապույտով մշուշված կանգնած էր Արագածը, թեև ամեն ինչ թվում էր միանգամ րնդմիշտ իր տեղում հաստատված, բայց թուրքական թաղամասն այլևս գոյություն չուներ։
Դատարկված բլրալանջի վրա, պայծառ արևի տակ, ծուփ կանգնել էին օշոշներն իրենց սպիտակ պսակաթերթիկներով՝ դեղին և ուռուցիկ գլխիկների շուրջր։ Լանջն ամբողջ սպիտակել էր օշոշներից։ Թվում էր, թե այդ համատարած սպիտակությունը սգո սավան էր, որ փռվել էր անդարձ հեռացածների անդառնալիորեն ջնջված բնակատեղի վրա։
Երբ անցորդը կամ այցելուն վարժվում էր առաջին տպավորությանը՝ սկսում էին նկատվել նաև մանրամասնությունները։ Տեղ-տեղ, գետնի քարքարոտ մասերում, օշոշները տեղի էին տվել սպիտակ ու դեղին անթառամներին։ Դրանց տափակ, կոշտ գլխիկները, բաղկացած բազմաթիվ մանր ծաղիկներից, խիտ բռնել էին փոքրիկ տարածություններ։ Եվ նայելիս դժվար էր լինում որոշել մեռա՞ծ էին անթառամները, թե՞ կենդանի, որովհետև դրանք միշտ սպիտակ էին կամ դեղին, կոթերը՝ միշտ գունաթափ-կանաչ, համարյա գորշ, և դրանցից միշտ բուրում էր փշրված ժայռի հոտ։
Անթառամների հետ միատեղ բուսել էր նաև անիսոնը, որն իր գորշ երանգով և տերևների ձևով նման էր անթառամի թփիկին, կարծես նույնը լիներ, բայց առանց ծաղկի։ Եվ դրանից բուրում էր ուրիշ հոտ, որը միևնույն ժամանակ համ էր հիշեցնում։
Օշոշների սպիտակ ծածկոցի տակ, գետնին ընդհուպ, ծեփ փռվել էր ճնճղապաշարը, որն ուտելի էր համարվում։ Դա մի փոքրիկ կանաչ էր՝ հողից անմիջապես դուրս եկած մի քանի թարմ֊կանաչ, ձվածիր տերևներով։
Բլրալանջի զանազան մասերում, հողի տակից տեղ-տեղ դուրս ցցված փոքրիկ քարերի հարավային արևոտ կողմերում, բուսել էին ուրիշ բույսեր, իսկ հյուսիսային ստվերոտ կողմերում՝ ուրիշ բույսեր։ Արևի տակ կանգնած էր բարձր ավելուկը՝ կարմիր ցողունով, որ եղեգնի էր նման, և կանաչ տերևներով, որ կպցնովի էին թվում։ Ցողունի ծայրին, երկարավուն թույլ փնջով, արդեն հասել էին ժանգագույն սերմերը։
Ավելուկների հետ կանգնել էին սուր փշերով ծածկված տատասկները և աղըշբանք կոչվող բարձր ու լայնաթուփ բույսը, որն ուներ շան ականջների նման կախ, դեղնավուն-սպիտակ ծաղիկներ՝ խոր բաժակներով, և թունավոր էր։
Իսկ ստվերի մեջ, գետնին ընդհուպ, բուսել էր օձի ծաղիկն իր զարմանալի թարմ-դեղին գլխիկով։ Օձի նմանվում էր նրա կոթը, որ ողորկ էր, ձիգ ու սնամեջ, և երբ այն կոտրվում էր, ապա դուրս էր տալիս մի սպիտակ կաթիլ՝ երևի օձի կաթը։
Սակայն ստվերի ու խոնավության իսկական բույսը ջրակոտեմն էր, որ բսնում էր թաց տեղերում և ուտելի էր համարվում։ Դա ուներ խոր կտրտված երկար տերևներ, իսկ հասունանալիս՝ շատ մանր, սպիտակ ծաղիկներ։
Ստվերի և խոնավության իսկական բույս էր նաև այն բարձր թուփը, որի անունը հիմար բույս էր նշանակում։ Դրա հաստ ցողունը թարմ-կանաչ, միշտ սառը ջրով հագեցած, ուտելի էր համարվում, բայց ասվում էր, որ հիմարներն են ուտում այդ բույսը կամ ուտողները հիմարանում են։ Բավական էր այն պոկել արմատից, որպեսզի ինքնավստահ ցցված ցողունն ու պիրկ տերևներն իսկույն թուլկանային և վերածվեին կանաչ փալասի։
Բլրալանջի այն տեղերում, որտեղ այդ բույսերից ոչ մեկը չկար, գետինը ծածկված էր չափազանց մանր կանաչով, կարծես քարաքոսով, և կարծես ներկված լիներ։ Այնտեղ հատ ու կենտ բսնում էր միայն սապնածաղիկն իր շյուղային բարակ կոթով, մազային բարակ, երկնագույն ճյուղավորումներով՝ դեպի ամեն կողմ, և դրանց ծայրերին գտնվող սպիտակ, շատ մանրիկ ծաղիկներով, որոնք թուփը նմանեցնում էին գնդաձև մշուշի։
Արևն իր հանդարտ պայծառությամբ տարածվել էր բլրալանջի վրա։ Եվ եթե նույնիսկ արևի համատարած լույսի տակ անկարելի էր նկատել հին բնակատեղի որևէ հետք, ապա դա շնորհիվ մի բույսի, որը կոչվում էր սատանի շափալաղ՝ սատանայի ապտակ։ Բույսը բաղկացած էր գետնի վրա փռված մի կամ երկու հսկայական տերևից։ Թվում էր, թե քամին մի վիթխարի ծառից պոկել էր դրա առողջ ու կանաչ տերևները և թափթփել գետնին։ Երբ անցորդը կամ այցելուն կռանար և ետ տաներ սատանայի ապտակի լայն ու մեծ տերևներից մեկնումեկը, դրա տակ կտեսներ հին թաղամասի որևէ հանգչող հետքը՝ ինչ֊որ պատի հազիվ նկատելի հիմք, որևէ մայթից մնացած սալաքար, փշրված ափսեի մի բեկոր․․․
Սատանայի ապտակների հետ խառը բուսել էին նաև եզան լեզու կոչվող տերևները, որոնք կարծես սատանայի ապտակների մանրացած տեսակը լինեին, սակայն ողորկ և ջղուտ։ Ասվում էր, թե եզան լեզուն ունի բուժիչ հատկություն։ Դրա տերևները կապում էին վերքերի վրա։ Սակայն դրանք դեռևս չէին լիզել սատանայի ապտակների տակ թաքնված տխուր հետքերը։
Բայց որքան էլ բազմազան լինեին բույսերն ու ծաղիկները բլրալանջի վրա, այնտեղ տիրապետողն այնուամենայնիվ օշոշների համատարած սպիտակությունն էր, որ գալով բոլոր կողմերից դեպի լանջի մեջտեղում գտնվող բավական ընդարձակ հրապարակը, շրջապատել էր այն։ Հրապարակի վրա արդեն, բուսել էին ուրիշ ծաղիկներ, իսկ դրանց միջև, ճղակոտոր և վաղուց ի վեր չորացած ծառի տակ, գտնվում էր վաղուց ի վեր ցամաքած Հեղնար աղբյուրը․․․
{{ԵրեքԱստղ}}
Երբ բոստանների մեջտեղով անցնող ճանապարհով Գալուստը բարձրացավ բլրալանջ՝ ցրվեցին նրա այն կասկածները, թե նա գուցե չկարողանա գտնել իր մոր անվան աղբյուրը։ Շրջապատի ամայության մեջ աղբյուրի գլխաքարը միակ վեր բարձրացած կետն էր և աչքի էր ընկնում դեռ հեռվից։ Բլրալանջի ճանապարհով քաղաք իջնող սայլերից գյուղացիները հաճախ էին նկատում աղբյուրը և վազում էին ջուր խմելու։ Սակայն տեսնելով այն ցամաքած, նայում էին հիասթափությամբ, ընթերցում էին սև գլխաքարի մեջ գրված կարմիր քարի գիրը, տարակուսում էին մի պահ, ապա շուռ գալով, վազում էին արդեն բոստանների մեջտեղի ճանապարհն իջած իրենց սայլերի հետևից։
Գալուստն ուրախացավ աղբյուրը հեշտ գտնելու համար, բայց և իսկույն թախիծը համակեց նրան։ Ավելի լավ կլիներ, եթե նա մի քիչ ուշ գտներ այն, որպեսզի կարողանար տիրապետել իր վրդովված հոգուն։ Չէ՞ որ այդ աղբյուրի տակ հանգչում էր հիշողության պատկերներից վաղուց ի վեր ջնջված իր մայրը․․․
Աղբյուրի մի կողմում բուսել էին կարմիր լալաները։ Պայծառ, տաք, վառվում էին դրանց բաժակներն արևի տակ, ինչպես մխացող վերք։ Բույլն ամբողջ՝ կարծես արյուն լիներ՝ վաղուց թափված, բայց դեռ թարմ․․․
Աղբյուրի մյուս կողմում բուսել էին ոսկեծաղիկները։ Դրանց դեղնապայծառ փոքրիկ բաժակներն անչափ նման էին լալաներին, դրանք կարծես լալաներ էին, որ ոսկեծաղիկ էին դարձել, կամ արյուն էր, որ փոխարկվել էր արևի։
Ավազանի պռունգներին իրենց ոլործուն թելերն էին երկարել և իրար հյուսել գունատ֊վարդագույն բաղեղները՝ իրարից հեռու վրանաձև սպիտակ ծաղիկներով։ Բաղեղներն ամեն կողմից կախվել էին ավազանի պռունգներն ի վար՝ դեպի ավազանի հատակը, որ ծածկված էր պատահականորեն այնտեղ ընկած մանրիկ քարերով ու խիճով, և որի անկյուններում կար վաղուց ի վեր ցամաքած աղբյուրների անխուսափելի վկան՝ չոր, գունաթափ հողափոշին։
Քարե աստիճանները և ավազանի հատակի սալաքարերը մնացել էին անվթար, սակայն դրանց ճեղքերից դուրս էր աճել խոտը՝ կարծես ճգնելով իրարից հեռացնել քարերը։
Գալուստն իջավ ավազանը և կանգնեց մի րոպե տարակուսած՝ չգիտենալով, թե ինչից սկսել։ Ապա նա մոտեցավ աղբյուրի գլխաքարին, բռնեց փայլուն, կարճ խողովակից, ստուգեց՝ չի՞ պտտվում արդյոք այն, չունի՞ որևէ գաղտնիք․․․
Խողովակը չէր պտտվում, գլխաքարը նույնպես անշարժ էր։
Գալուստ ը կռացավ դեպի հատակը։
― Էդ ի՞նչ կէնես, օղուլ․․․
Անսպասելի միջամտող ձայնից Գալուստը ցնցվեց և նայեց վերև։
Ավազանի պռունգին կանգնած էր հաջի Վարոսը։
— Էդ ի՞նչ կէնես, Գալուստ ջան,— կրկնեց նա՝ ճանաչելով Հեղնարի որդուն։
— Եկել եմ մորս գերեզմանին տեսության,— ասաց Գալուստը և նստեց ավազանի պռունգին։
Հաջին նույնպես նստեց։ Գալուստը նայեց նրան։ Նա գիտեր հաջու և իր մոր պատմությունը։ Ձեռքը դնեյով վշտից հավիտենապես կքած նրա թիկունքին, երիտասարդը հարցրեց․
― Իսկ դո՞ւ ինչ ես անում այստեղ, հաջի։
― Ե՞ս․․․ Ես ամմեն օր կուգամ, կաշեմ, աղոթք կէնեմ․․․ Քառսոնհինգ տարեկան մարդ եմ, քսանհինգս մեղքի մեջ անցավ, հինգս՝ Երուսաղեմ էրթալ-գալուս ճամբուն, մնացած տասնըհինգ տարիս ես աղոթքով եմ անցուցե Հեղնարի մեղավոր հոգու հմար։ Ասպած ձենս կիմանա՞, թե չէ՝ չիտեմ։ Ախր ես ավելի մեղավոր եմ․․․
Չնայած Վարոսի դեռ ոչ֊ծեր հասակին, նրա մազերը բոլորովին սպիտակ էին, աչքերում չկար ոչ եռանդ, ոչ փայլ։
— Հաջի, մորս հիշո՞ւմ ես,— հարցրեց Գալուստը։
— Ինչղ օր աշքիս առաջ կայնած էղնի,— շշնջաց հաջին խուլ ձայնով։
― Ինչպիսի՞ կին էր, հաջի․․․
Հաջին ձայն չհանեց։ Նա մտածկոտ նայեց ցամաք խողովակին և գլուխը կախեց։ Իսկ հետո, երբ խոսեց, նրա խոսքերը Գալուստի պատասխանը չէին, այլ իր սեփական մտքերի․
― Սուրբ կնիկ էր, օղուլ․․․ Սերը մեղք կսեպեր, սիրուց կտանջվեր, վերջն էլ սիրու մեղքեն ու տանջանքեն մեռավ․․․ Վո՞վ կրնար մեղանչե։ Աշե․․․
Մատնացույց անելով աղբյուրի գլխագիրը, հաջին, ով գիտե, քանիերորդ անգամ իր կյանքում, կարդաց։
― Հմը հիմի, օղուլ, ուրիշ, հիմի սեր ու ընտանիք իրար են միացե, ամմեն մարդ կրնա ազատ սիրե ու առնե՝ ում օր ուզենա։ Մարդն ինքն է իրան գլխու տերը։ Հրաշք չկա, էլ ասպած մարդոց գործերուն չի խառնվի։
Ապա մի քիչ լռելուց հետո նա ավելացրեց,
― Մեր ժամանակն ուրիշ էր։ Հրաշք կար։ Չե՞ս ավատա։ Ում օր կպատմեմ Հեղնար ախպուրի հրաշքը՝ չի ավատա, կխնդա։ Կխնդա ու կմեղանչե։ Ի՞նչ կրնաս էնե։ Վենձանաց խոսք է՝ մե աշքը հազար անկաջ արժե։ Ըսել է՝ ինչքան կուզես, անկաջը լից՝ չի էղնի, աշքը պիտի լցվի, աշքը պիտի տեսնի, աշքը պիտի ստուգե․․․
― Իսկ եթե գան, Հեղնար աղբյուրը քանդե՞ն, հաջի,— հանկարծ հարցրեց Գալուստը։— Մարդու հետաքրքրությունն ամեն բանից վեր է։ Ո՞վ գիտե․․․
Հաջին հուզվեց, դողդողացող ձեռքը դրեց Հեղնարի որդու ծնկանը և շշնջաց․
― Ես ինքս էլ էդ բանից շատ կվախենամ։ Ըշտը էդոր հմար է, օր ամմեն օր իստեղ կուգամ, կաշեմ։ Ես կսըպանեմ քանդողին, ասպած վկա, կմորթեմ տեղնուտեղը․․․
Հաջու մեռած աչքերը կենդանություն ստացան, փայլեցին կատաղությամբ։ Սակայն այդ տևեց միայն մի վայրկյան, ապա դրանք նորից պղտորվեցին, ջրակալեցին, անշնչացան։ Նա վեր կացավ։
― Գնո՞ւմ ես, հաջի,— հարցրեց Գալուստը։
— Հպը դոլ չե՞ս գա,— զարմացավ հաջին։
― Ոչ, ես ուզում եմ մի քիչ ժամանակ մենակ մնալ մորս գերեզմանի մոտ․․․
Հաջին երկյուղածությամբ տեղի տվեց Գալուստի որդիական զղացմունքին և դանդաղաքայլ ու կորաքամակ հեռացավ բլրալանջով։ Գալուստը հայացքով ուղեկցեց նրան, և երբ նա անհետացավ լանջի վայրէջքում, Գալուստը վեր քշտեց թևերը և սկսեց աշխատել։ Գործիքներ բերած չլինելու պատճառով նա ամեն ինչ ձեռքով էր կատարում։ Դա և՛ դժվար էր, և՛ շատ ժամանակ էր պահանջում։ Վերջապես նա մեկ առ մեկ հանեց ծանր սալաքարերը, շարեց ավազանի պռունգին։ Նա շարժվում էր մեծ զգուշությամբ՝ բացվող գաղտնիքից ոչինչ չփչացնելու համար։
Երբ ավազանի ողջ հատակը սալաքարերից մերկացավ, Գալուստն սկսեց հոգատարությամբ զննել այն։ Ավազանի հատակը ծածկված էր արդեն ժանգոտած երկաթե մի պարզ սարքով։ Յուրաքանչյուր սալաքարի տակ կար մի լծակ, որի ծայրը գնում էր աղբյուրի գլխաքարի տակ՝ միանալով մյուս լծակների ծայրերին։ Բավական էր ոտք դնել սալաքարերից որևէ մեկի վրա, որպեսզի ղեկը սեղմվեր և իր ծայրով փակեր ջրի հոսանքը։
Գալուստը հեշտությամբ պարզեց նաև այն, թե ինչպես էր հաջողեցրել իր հայրը ջուր խմել։ Սանդուղքից իջնելիս հարկավոր էր երկու ոտքերը միաժամանակ դնել երկու տարբեր սալաքարերի վրա։ Այդ դեպքում դրանց տակի լծակների ծայրերը կսեղմվեին իրար և չէին բարձրանա՝ ջրի հոսանքը փակելու։ Իսկ ջրի վերջնականորեն ընդհատվելն առաջացել էր այն բանից, որ ուստան ոտքով աննկատելիորեն պտտեցրել էր ջրի անկման տեղի ծակ, կլոր քարը։ Քարի տակ գտնվող երկաթաթերթը տեղափոխվել էր և կալնել ջրի անցքը։ Երբ Գալուստը քարը նորից պտտեցրեց, քսան տարվա ցամաք աղբյուրից նորից հոսեց անապակ ջուրը։
Նույն վայրկյանին ավազանի պռունգից լսվեց մի բարձր, խռպոտ ճիչ․
― Յա՛․․․
Գալուստի սիրտը կանգ առավ։
Այնտեղ նորից կանգնած էր հաջի Վարոսը։ Անակնկալ տեսարանից չռած աչքերով նա անթարթ նայում էր մերթ ժանգոտ երկաթներին, մերթ վազող ջրին։
― Յա՛,— կրկնեց նա և ցատկեց ավազան ,— է՞ս ինչ է․․․
Առանց պատասխանելու, Գալուստը ոտքը դրեց երկաթներից մեկի վրա, ջուրն ընդհատեց, ապա նորից բաց թողեց և մոտեցավ վազող ջրին։
Բայց առանց այդ էլ, հաջին ամեն ինչ հասկացել էր։ Նա շարունակում էր նայել, և ապա նորից, կարծես նոր միայն նկատելով, բացականչեց․
― Յա՛․․․
Դողդողացող ձեռքով նա քանդեց օձիքը․
― Ըսել է՝ un՞ւտ էր ամմեն ինչ․․․ Սաղ քաղաքն ավատաց, սաղ քաղաքն ընձի ու Հեղնարին մեղդըրեց։ Սերը պապանձվավ․․․ Ընտանիքի օրենքը սուրբ դարցավ․․․ Գյումրին․․․
Հաջու հետզհետե մարող ձայնր դարձավ անլսելի, այժմ նրա շրթունքները շարունակում էին շարժվել անբարբառ։ Բայց հանկարծ նա դադարեց մրմնջալուց, արագ թեքվեց դեպի ջուրը, նայեց՝ վախենալով շրթունքները կամ ձեռքը հպել ջրին, չհավատալով ջրի անարգել հոսանքին։ Ապա զույգ ձեռքերով բռնեց գլուխը և բղավեց․
― Յա՛․․․ Ըպը կյանքըս ընչի՞ անցավ․․․
'''2'''
Արտասովոր դանդաղ, արտասովոր ծանրաքայլ գնում էին երկու կառքեր դեպի Ախուրյան։ Կարծես լալիս էին ձիերի քայլերը, կարծես լալիս էին կառքերի անիվները։ Նվագը, լացի պես խորն ու մղկտացող, հորդում էր կառքից և գնում էր արձագանքելու հեռու֊հեռվում։ Օրը վար էր եկել, արևը հասել էր երկնքի բարձր կետին, բայց կառքերը դեռ նոր էին իջնում նվիրական գետի հովիտը։ Ե՞րբ էին հասնելու ջրափ, ո՞վ գի տեր․․․
Կառքերից մեկում նստած էր ուստա Մկրտչի սիրելի դաուլ֊զուռնայի խումբը, նստած էր նաև Ավետիքը, որի կյանքն անցել էր կամուրջներ կառուցելով։ Նա դառը թախիծով դրել էր իր թևը կառքի կողին, դրել էր երեսը թևի վրա և ունկնդրում էր։
Մյուս կառքում ոչ ոք չկար։
{{ԵրեքԱստղ}}
Կառքերը վերադարձան քաղաք, իսկ Ավետիքը սփռոց բաց արեց մի հով ուռենու ստվերում։ Ջուրը հոսում էր սփռոցի մոտով՝ թրծելով արևի տակ դուրս պրծած դրա ծայրը։
Դաուլ-զուռնաչիների նստելու համար նա գտավ֊բերեց երեք քար։ Նրանց առջև դրեց ուտելիք, օղի և բաժակներ։ Բացակա ուստա Մկրտչին հատկացրեց ամենալավ տեղը՝ սփռոցի գլխին, ծառի բնի տակ։ Շարեց յոթ բաժակ, օղի լցեց։ Ընկերների բաժակների մոտ դրեց խորովածի և այլ խորտիկների ամենալավ պատառները։ Ինքը նստեց սփռոցի մի կողմում լուռ, գլխահակ։ Գլխահակ լսեց դաուլ-զուռնայի լացող եղանակը։ Ապա երբ նվագի վերջին հնչյունները մարեցին ծառի զով սաղարթներում, նա վերցրեց իր բաժակը, խփեց ուստայի բաժակին և ասաց․
— Էս վերջի անգամն էլ առաջի կենացը կենացդ էղնի, ազիզ․․․ Կյանքդ էնքան երկան էղնի, ինչքան օր, ափսոս, մահն է երկան․․․
Նա նորից բաժակ խփեց ուստայի բաժակին, խմեց։ Հետո հերթով վերցրեց ուստայի օղին, Օնեսի օղին, Կարոյի օղին, Աղասու օղին, Բագրատի օղին, Սարգսի օղին շպրտեց նվիրական գետը։ Ջուրն օղին տարավ։
Հետո, երբ երկրորդ անգամ լցրեց բաժակները, նա նախատինքով դիմեց ընկերներին․
― Է, մեննակ ե՞ս պիտի ծառայութուն էնեմ․․․ Րախի լցեք, ձեռքներդ խո չէ՞ ջարդե, ի՞նչ էղավ ձեզի․․․
{{ԵրեքԱստղ}}
Արևն իջավ։
Երբ Ավետիքը նայեց դեպի աննկատելիորեն բարձրացող դաշտը, դրա բարձրում ձգված բլուրի կտրվածքում նա տեսավ վերադարձող երկու կառքեըը։
Ավետիքը բաժակների մեջ լցրեց ամենավերջին օղին։
― Էս վերջին անգամն էլ, վերջի կենացը կենացդ էղնի, ազիզ․․․
Եվ խմելով իր օղին, հավաքեց բոլորի լիքը բաժակները, նետեց Ախուրյան։
Կառքերը մոտեցան։ Դաուլ-զուռնաչիները վեր կացան, նստեցին կառք։ Նրանք նվագում էին ամենատխուր եղանակը։
Ավետիքը բարձրացավ մյուս կառքը, կանգնեց կառքի մեջ, ձայն տվեց․
― Քշե՛ք, էրթամ֊անցնեմ վերջի կարմունջի վրայեն․․․
{{ԵրեքԱստղ}}
Ախուրյանում լողանալուց վերադարձող երեխաները ցավակցական դեմքերով լուռ հետևում էին ոտաբոբիկ ու գլխաբաց մի մարդու, որն օրորվելով գնում էր մի քանի քայլ, ապա կանգ էր առնում շեշտակի, զույգ ձեռքերով բռնում էր գլուխը և բացականչում․
― Յա՛․․․ Ըպը կյանքըս ընչի՞ անցավ․․․
::::1933—1935
:::::Երևան