}}
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]
==Գիրք առաջին==
Այսպիսով նրանք կիրառում են ամէն միջոց, որպէսզի ոսկին ու արծաթը արհամարհանքի մէջ գտնուեն։ Ուրիշ ժողովուրդնրեր հարստութեան կորուստը համարում են ամենամեծ աղետը․ սակայն եթէ ուտոպիացիներից վերցնեն նրանց խոշոր հարստութիւնները, դրանից ոչ մէկը մի գրոշ չի կորցնի։
Ուտոպիացիները ծովափում հաւաքում են մարգարիտներ, ժայռերից՝ ադամանդներ ու այլ թանկագին քարեր։Առանձնապէս հետամուտ չլինելով այդ հազուագիւտ իրերին, նրանք այնուամենայնիւ հաճոյքով վերամշակում են եւ դրանցով զարդարում են փոքր երեխաներին։ Վերջիններն այդ զարդարանքներով սկզբում շատ հպարտանում են, սակայն հետզհետէ մեծանալով՝ սկսում են հասկանալ ու գիտակցել, որ նման զուարճութիւնները թոյլատրելի են միայն փոքր երեխաներին։ Առանց սպասելու ծնողների ցուցմունքներին, նրանք ինքնակամ իրենց վրայից հանում են բոլոր զարդարանքները։ Այդպէս էլ մեզ մօտ երեխաներն են, որ մեծանալով հետզհետէ դեն են գցում իրենց տիկնիկներին ու խաղալիքները։ Այս կարգերը խստօրէն տարբերւում են ուրիշ ժողովուրդների կարգերից ու հիմնարկներից․ եւ ուտոպիացիների սրտում, դրոշմում են այնպիսի զգացում ու համոզում, որ միանգամայն հակադիր են մեզ։ Այդ տարբերութիւնն ինձ մասնաւորապէս անակնկալի բերեց, երբ տեսայ թէ նրանք ինչպէս դիմաւորեցին անեմոլիան<ref>Յունարէն քամի բառից։</ref> դեսպանութեանը։ Անեմոլիայի դեսպաններն Ամաուռոտ եկան այն ժամանակ, երբ ես գտնւում էի այնտեղ։ Որովհետեւ նրանք առաջնակարգ կարեւորութիւն ներկայացնող հարց պէտք է քննարկէին, այդ պատճառով էլ սենատը (այսինքն իւրաքանչիւր քաղաքից երեք հոգի) հաւաքուեց մայրաքաղաք եւ այնտեղ սպասում էր նրանց։ Մինչ այդ, երբ հարեւան ժողովուրդների դեսպաններ գալիս էին Ուտոպիա, երեւում էին պարզ եւ համեստ հագուստներով, որովհետեւ լաւ ծանօթ էին ուտոպիական բարքերին։ Նրանք գիտէին, որ այնտեղ ճոխ զարդարանքին ոչ մի նշանակութիւն չեն տալիս, մետաքսն արհամարհում են, իսկ ոսկին դատապարտուած է անպատիւ գործածութիւնների։ Անեմոլացիները սակայն կղզուց շատ հեշու ապրելով՝ Ուտոպիայի հետ շատ քիչ յարաբերութիւն ունէին։ Երբ նրանք իմացան, որ կղզու բնակիչները շատ հասարակ եւ միաժամանակ միատեսակ են հագնւում, այդ հանգամանքը նրանք վերագրեցին ուտոպիացիների անսովոր աղքատութեանը։ Այդ պատճառով էլ նրանք աւելի սնափառութիւնից, քան խելացիութիւնից դրդուած՝ որոշեցին հանդէս գալ իրենց ամբողջ փայլով, ինչպէս աստուածներ։ Դրանով նրանք ուզում էին շլացնել աղքատ կղզեցիներին։ Երեք մինիստրները, որոնք Անեմոլիայում շատ երեւելի եւ բարձրաստիճան մարդիկ էին, հարիւր հոգուց բաղկացած շքախմբով, բոլորը տարբեր գոյնի մետաքսէ շորեր հագած, հանդիսաւոր կերպով մուտք գործեցին քաղաք։ Իրենք՝ դեսպանները, հագած էին ճոխ եւ հրաշալի զգեստներ՝ հիւսուած ոսկէ թելերով։ Վզերին կրում էին ոսկէ շղթաներ, մատանիներ եւ օղեր․ գլխարկների վրայ՝ ժապաւէններ, որ փայլում էին թանկագին քարերով։ Մի խոսքով, դեսպաններն իրենց ծածկել էին այն ամէնով, ինչ որ Ուտոպիայում համարւում էր անպատւութեան նշան, ստրուկների պատիժ եւ փոր երեխաների խաղալիք։ Դեսպանների ու նրանց շքախմբի հպարտ ինքնաբաւականութիւնը,— որոնք իրենց պետութեան ճոխութիւնը համեմատում էին մասսայօրէն իրենց դիմաւորող ուտոպիական ժողովրդի պարզ ու հասարակ հագուստեղենի հետ,— առաջիններին պատճառում էր մեծ հաճոյք, իսկ վերջինների ծիծաղն էր շարժում։ Միւս կողմից, պակաս տարօրինակ չէր օտարականների հիասթափութիւնը, քանի որ ամենեւին իրենց վրայ չհրաւիրեցին բնակիչների ոչ հարգանքը եւ ոչ էլ մեծարանքը։ Չհաշուած ուտոպիացիների մի փոքրիկ թիւ, որ զանազան գործերով եղել էր արտասահմանում, մնացեալ բոլորը օտարականների հանդիսաւոր երթը դիտում էին ուսերի շարժումով։ Նրանք ողջունում էին օտարականների ստրուկներին, վերջիններին համարելով դեսպաններ եւ, ընդհակառակը, ոչ մի ուշադրութիւն չէին դարձնում դեսպանների վրայ՝ նրանց ստրուկների տեղ ընդունելով, քանի որ նրանք զարդարուած եւ ծանրաբեռնուած էին ոսկով , ինչպէս ուտոպիական ստրուկները։ Այն երեխաները, որոնք իրենց ադամանդներն ու մարգարիտները արդեն հանել էին, բոթում էին իրենց մայրերին, երբ դեսպանների գլխարկների վրայ տեսան այդ զարդերը։ — Մի տես, մա՛յրիկ, այդ մեծ խեղկատակին,— ասում էին նրանք,— որ դեռ զարդեր է կրում, կարծես երեխայ լինի։ Իսկ մայրերը լրջօրէն պատասխանեցին․ «Լռիր, զաւակս, հաւանաբար դա պատգամաւորութեան ծաղրածուներից է»։ Ոմանք դատողութիւններ էին անում ոսկէ շղթաների մասին․ «Դրանք չափազանց թոյլ են, կարող են հեշտութեամբ փշրել․ բացի այդ, պիրկ ձգուած չեն, ստրուկը, եթէ ուզի՝ կարող է ազատուել դրանցից ու փախչել»։ Ամաուոտում իրենց հանդիսաւոր մուտքից երկու օր յետոյ՝ դեսպաններն իմացան, որ ոսկին Ուտոպիայում նոյնքան արհամարհում են, ինչքան այն իրենց երկրում գնահատում են։ Նրանք առիթ էին ունեցել մի ստրուկի վրայ այնքան ոսկի եւ արծաթ տեսնելու, որքան չունէր իրենց ամբողջ շքախումբը։ Այդ հանգամանքը ընկճեց նրանց հպարտութիւնը։ Նրանք հասկացան, որ իրենց յիմարների տեղ են ընդունել եւ շուտով, ամօթահար թողեցին փառահեղութիւնը, որ դեռ ոչ շատ առաջ հպարտութեամբ կրում էին։ Սերտ յարաբերութիւնները, որ այնուհետեւ նրանք ունեցան ուտոպիացիների հետ, նրանց հարկադրեցին աւելի մօտից ճանաչել բնակիչների հայեացքներն ու բարքերը։ Ուտոպիացիներին չափազանց տարօրինակ է թւում, որ բանական էակներ կարող են աստուածացնել մի մարգարտի կամ քարի չնչին եւ կասկածելի փայլը, մինչդեռ նրանք պէտք է իրենց ուշադրութիւնը հառէն աստղերին եւ արեւին։ Նրանք տխմարի տեղ են դնում այն մարդուն, որն իրեն աւելի ազնիւ ու յարգանքի արժանի է համարում միայն այն պատճառով, որովհետեւ ծածկուած է նուրբ բրդով․ իսկ չէ՞ որ այդ բուրդը խուզուած է ոչխարի մէջքից եւ նախապէս եղել է այդ կենդանու հագուստը։ Նրանց զարմացնում է այն հանգամանքը, որ ոսկին, ինքնին միանգամայն անօգուտ մի իր, արհեստական խոշոր արժէք է ստացել եւ մինչեւ իսկ աւելի բարձր է գնահատւում, քան մարդը, չնայած որ մարդն է այդ արժէքը տուել ոսկուն եւ ըստ քմահաճոյքի օգտագործում է զանազան նպատակների համար։ Բացի այդ, ուտոպիացիները չեն կարողանում ըմբռնել, թէ ինչպէս մի հարուստ, առանց որեւէ գիտելիքի, յիմար, ինչպէս փայտի կոճղը եւ նոյնքան դատարկ, ինչքան եւ անբարոյական, իրենից կախման մէջ է պահում բանական ու առաքինի մարդկանց մի բազմութիւն միմիայն այն պատճառով, որ նրանց մի քանի դրամ է տալիս։ Երջանկութիւնը սակայն, ասում են ուտոպիացիները, կարող է նրանց դաւաճանել, իսկ օրէնքը, որ ճիշտ այնպէս, ինչպէս երջանկութիւնը, յաճախ գագաթից փոշու մէջ է շպրտում), կարող է նրանցից խլել փողերը եւ գցել իր ամէնից աւելի արհամարհուած ծառաների ձեռքը։ Նման դէպքում այդ միեւնոյն հարուստն իրեն շատ երջանիկ կհամարի, եթէ յաջողի իր փողերով միասին, որպէս շուկայի ապրանք, ծառայութեան մտնել իր նախկին ստրուկի մօտ։ Մի ուրիշ յիմարութիւն էլ կայ, որ ուտոպիացիներին աւելի է նողկանք պատճառում եւ գրեթէ բոլորովին անհասկանալի է նրանց։ Վերջինս այն է, որ մի մարդու իր հարստութեան պատճառով համարեայ աստուածային պատիւներ են տալիս, թէեւ այդ երկրպագուները վերջինիս ոչ պարտապանն են եւ ոչ էլ որեւէ կախումն ունեն նրանից։ Այդ յիմարները շատ էլ լաւ գիտեն, թէ զզուելի ժլատը ինչ տեսակի անձնասէր Կրեսոս է։ Նրանք շատ լաւ են իմանում, որ իրենք նրա ամբողջ գանձից երբեք մի գրոշ չեն ստանալու։ Այս տեսակէտները մեր կղզեցիները քաղում են մասամբ գիտութիւններն ուսումնասիրելով, մասամբ էլ այն դաստիարակութեան շնորհիւ, որ նրանք ստանում են մի պետութիւնից, որի հաստատութիւնները մեր բոլոր անհեթեթութիւնների հետ հակասութեան մէջ են գտնւում։ Ճշմարիտ է, որ շատ սակաւաթիւ մարդիկ են ազատուած ֆիզիկական աշխատանքից եւ բացառապէս նուիրուած են մտքի զարգացմանը։ Այդ, ինչպէս արդեն ասացի, նրանք են, որոնք մանկութիւնից յայտաբերել են երջանիկ ունակութիւններ, թափանցող միտք ու գիտական հակում։ Բայց, չնայած դրան, բոլոր երեխաներին տրւում է լաւ դաստիարակութիւն․ բացի այդ, քաղաքացիների խոշոր մեծամասնութիւնը— տղամարդիկ եւ կանայք— իրենց ամբողջ ազատ ժամերը նուիրում են մտաւոր պարապմունքին։ Ուտոպիացիները գիտութիւններն ուսումնասիրում են իրենց մայրենի լեզուով։ Այդ լեզուն հարուստ է, ներդաշնակ եւ մտքի հաւատարիմ թարգման։ Աւել կամ պակաս փոփոխութիւններով՝ այդ լեզուն տարածուած է այդ երկրամասի նշանակալի տարածութեան վրայ։ Ուտոպիացիները մինչեւ մեր ժամանումը ոչինչ չէին լսել մեր աշխարհի նշանաւոր փիլիսոփաների մասին, մինչդեռ երաժշտութեան, դիալեկտիկայի, թուաբանութեան եւ երկրաչափութեան բնագաւառում նրանք արել էին միեւնոյն յայտաբերումները, ինչ որ մենք։ Եթէ նրանք համարեայ ամէն բանում հաւասար են մեր նախնիքների հետ, մի բնագաւառում սակայն, ընդհակառակը, մեծ չափով ետ են մնում— դա ժամանակակից դիալեկտիկան է։ Դեռեւս նրանք չեն հնարել սեղմ ոճի, ճապաղութեան ու փոխաբերութեան այն նուրբ կանոններից եւ ոչ մէկը, որոնց մասին տրամաբանութեան պրոֆեսորները մեր երիտասարդութեանը դասաւանդում են լսարաններում «Perva Logicalia»֊ի (տրամաբանութեան սկզբնական հիմունքները) դասագրքով։ Նրանք դեռեւս չեն հասել վերացութեան։ Իսկ ինչ վերաբերում է մարդուն, նրա ընդհանուր էութեան, կամ՝ մետաֆիզիկների արտայայտութեամբ՝ ունիւերսալ մարդուն, այն ամենահսկաներից ամենահսկային, որին մենք առհասարակ հասել ենք, Ուտոպիայում մինչեւ իսկ չեն նկատել։ Դրա փոխարէն ուտոպիացիները չափազանց ճշգրտօրէն գիտեն համաստեղութեան ընթացքն ու երկնային մարմինների շարժումը։ Նրանք յատուկ մեքենաներ են հնարել, որ շատ մանրամասն արտացոլում են արեւի, լուսնի եւ հորիզոնում տեսանելի աստղերի փոխադարձ յարաբերութիւնները։ Ինչ վերաբերում է մոլորակների ու աստղային երկնքի հմայութիւնների բոլոր խաբեբայական տեսակներին, այդ մասին նրանց մտքովն անգամ չի անցնում․ երկար դիտողութիւնների վրայ հիմնուած նշաններով նրանք գուշակում են անձրեւը, քամին ու եղանակի այլ փոփոխութիւնները։ Բնական երեւոյթների՝ մակընթացութեան եւ տեղատւութեան, ծովի աղիութեան, երկնքի ու երկրի ծագման եւ կառուցուածքի բացատրման համար նրանք բացի բնապատմական ենթադրութիւններից, այլ ենթադրուծթիւններ չեն անում։ Նրանց տեսութիւնները որոշ կէտերով յիշեցնում են հին դարի փիլիսոփայութեան տեսակէտները․ բայց երբեմն հեռանում են նրանցից․ սակայն նորագոյն՝ իրենց կողմից կառուցուած տեսութիւններում այնպէս, ինչպէս եւ մեզ մօտ, գոյութիւն ունեն տարակարծութիւններ։ Բարոյափիլիսոփայութեան մէջ նրանք քննարկում են միեւնոյն հարցերը, ինչ որ մեր փիլիսոփաները։ Մարդու հոգու, նրա մարմնի ու արտաքին աշխարհի մէջ նրանք որոնում են այն, ինչ որ կարող է նպաստել մարդու երջանկացմանը։ Նրանք իրենց հարց են տալիս, թէ «լաւ» ածականը անխտիր նիւթական եւ մտաւոր երջանկութեան բոլո՞ր տարրերին է վերաբերում, թէ բացառապէս հոգեկան կարողութիւնների զարգացմանը։ Նրանք հետազօտում են առաքինութիւնն ու հաճոյքը, սակայն էական եւ ամենաազնիւ հետազօտութիւնը նրանց մօտ համարւում է մարդկային երջանկութեան պայմանի կամ տարբեր պայմանների յայտաբերումը։ Կարող է պատահել, որ էպիկուրականութեան<ref>Փիլիսոփայական ուսմունք․ հիմնադիրն է Էպիկուրը (Epukuros), որ ապրել է 341—270 թ․ թ․ (մ․ թ․ ա․)։ Էպիկուրը հին դարի նշանաւոր յոյն փիլիսոփայ֊մատերիալիստն է․ ծագումով աղքատ ուսուցչի որդի։ Էպիկուրը թողել է մօտ 300 երկասիրութիւններ, որոնց թւում նաեւ իր կեանքի գործը՝ «բնութեան մասին», կազմուած 37 գրքից, որից մեզ հասել են միայն 26֊րդ գրքի կտորները։ Էպիկուրը հանդիսանում է նաեւ հին դարի խոշոր աթեիստը։ Նրա այն թէզը, թէ շարժման պատճառը հենց մատերիան է, փաստօրէն նշանակում էր աստուածների վերացում եւ աշխարհի գործերում նրանց միջամտութեան ժխտում։ Մարքսն Էպիկուրին անուանում է հին դարի ռադիկալ լուսաւորիչ։ Լենինը նկատում է, որ Էպիկուրի փիլիսոփայութիւնը բովանդակում է մի շարք «հանճարեղ կռահումներ» եւ տալիս է «գիտութեան ճանապարհի ցուցմունքը»։ Էպիկուրի փիլիսոփայութեան ելակէտը մատերիայի ընդունումն է։ Ատոմական իր տեսութեան հիման վրայ, նա փորձում է կառուցել նաեւ բանական հաճոյքների ուսմունքը։ Գերագոյն բարիքը— դա երջանկութիւնն է, ամէն տեսակ տառապանքների բացակայութիւնը, հաճոյքը, սակայն ոչ րոպէական, անցողիկ, այլ երկարատեւ հաճոյքը։ Էպիկուրը պնդում է, որ պէտք է ազատագրուել այն բոլորից, որ խանգարում եւ արգելակում է հաճոյքը։ Նա փորձում է ապացուցել, թէ մահուան սարսափը նախապաշարում է, թէ մահից յետոյ ոչինչ չկայ եւ դրա համար էլ կարիք չկայ վախենալու, քանի որ հոգին ինքը մահկանացու է։ Միւս մոմենտը, որն արգելակում է երջանկութիւն ձեռք բերելուն, նրա կարծիքով, աստուածային ուժից վախենալն է։</ref> հանդէպ մեծ հակում ունենալու մէջ նրանց մեղադրեն, քանի որ ուտոպիացիների հասկացողութեամբ վայելքը թէեւ երջանկութեան ոչ միակ, բայց եւ այնպէս ամենաէական տարրն է կազմում։ Սակայն տարօրինակն այն է, որ նրանք մոլի հաճոյքի այդ բարոյականութիւնը հիմնում են մի լուրջ եւ խիստ կրօնի վրայ։ Նրանց հիմնական սկզբունքն է երբեք չվիճել «բարիի» կամ «չարի» մասին, առանց ելակէտ ունենալու կրօնի ու փիլիսոփայութեան աքսիոմաները, այլապէս նրանք իրենց տրամաբանական հետեւութիւնները կառուցած կը լինէին թերի եւ կեղծ տեսութիւնների վրայ։ Նրանց կրօնական կատեխիզմը հետեւեալն է․ հոգին անմահ է․ աստուած ինքը բարի լինելով՝ ստեղծել է հոգին, որպէսզի այն երջանիկ լինի։ Առաքինութիւնը մահից յետոյ վարձատրւում է․ ոճրագործութիւնը խիստ պատժւոմւ է։ Այս դոգմաները թէեւ կրօնին են վերաբերում, բայց եւ այնպէս, ուտոպիացիները կարծում են, որ բանականութիւնը միայն բաւական է դրանց հաւատալու եւ այդպիսիներն արդարացնելու համար։ Նրանք, առանց տատանուելու յայտարարում են, թէ անխելք է այն մարդը, որը բոլոր թոյլատրելի եւ անթոյլատրելի միջոցներով չի ձգտում հաճոյք ստեղծել։ Այդ դէպքում առաքինութիւնը միմիայն այն կը լինի, որպէսզի երկու հաճոյքներից ընտրի ամենահաճելին եւ, ընդհակառակը, խուսափի այն տհաճութիւններից, որոնց աղետալի հետեւանքն աւելի մեծ է, քան ձեռք բերուելիք հաճոյքը։ Սակայն խիստ եւ ծանր առաքինութիւնների վարժուելը, կեանքի հաճոյքներից հրաժարուելը, ինքնակամ կերպով ցաւին ենթարկուելն ու մահից յետոյ երկրային կեանքի համար ոչ մի վարձատրութիւն չակնկալելը— դա մեր կղզեցիների աչքում բոլոր յիմարութիւնների գագաթնակէտն է։ Երջանկութիւնն, ասում են նրանք, ամէն տեսակ բաւականութեան մէջ չի գտնւում՞ միայն լաւ ու պարկեշտ բաւականութիւններն են ընձեռնում այն։ Այդ հաճոյքներն են ահա, դէպի որոնց ամէն ինչ, մինչեւ իսկ առաքինութիւնը, անյաղթելիօրէն մղում է մեր բնութիւնը։ Այդպիսի հաճոյքներն են, որոնք հիմնաւորում են ճշմարիտ երջանկութիւնը։ Նրանք առաքինութիւն են համարում այն կեանքը, որը համատեղելի է բնութեան օրէնքների հետ։ Աստուած երբ մարդուն ստեղծեց, նա նրա համար այլ կոչում չսահմանեց։ Այն մարդը, որ հետեւում է բնութեան մղումներին, իր տարերային հակակրանքների ու համակրանքների ժամանակ ականջ է դնում միայն բանականութեան ձայնին։ Բանականութիւնը սակայն բոլոր մահկանացուներին ամենից առաջ սէր եւ յարգանք է ներշնչում դէպի աստուածային մեծութիւնը, որին մենք բոլորս պարտական ենք կեանքն ու բարեկեցութիւնը։ Այնուհետեւ բանականութիւնը մեզ սովորեցնում է ուրախ եւ անվիշտ ապրել ու ձգտել նոյնն ստեղծել նաեւ մեր մերձաւորի, մեր եղբօր համար։ Արդարեւ, եթէ առաքինութեան խաւար եւ ֆանատիկ ջատագովը՝ վայելքի ոխերիմ թշնամին յանձնարարում է ընդօրինակել իր գործերը, իր գիշերային հսկումները, ինքնախարազանումները, նա նոյնպէս իր բոլոր ուժերով ձգտում է մեղմել մերձաւորի վիշտն ու դժբախտութիւնը։ Այդպիսի խիստ մորալիստը չի պարծենում նրանով, որ մխիթարում եւ օգնում է մերձաւորին․ նա մտածում է, որ մարդկային լաւագոյն առաքինութիւնը կայանում է մերձաւորի վիշտն ամոքելու, նրան յուսահատութիւնից եւ հոգսերից ազատելու կամ ուրիշ խօսքով, նրան կեանքի հաճոյքներին մասնակից անելու մէջ։ Եւ ի՞նչու բնութիւնը բոլորիս չպէտք է ներշնչի մեզ համար էլ ստեղծել միեւնոյն բարիքը, ինչ որ ուրիշների համար։ Չէ՞ որ երկու դրոյթներից մէկն է իշխող լինելու․ հաճելի գոյութիւնը, այսինքն ուրախ կեանքը պիտի լինի կամ բարի եւ կամ չար։ Եթէ այն չարիք է, այդ դէպքում մենք ոչ միայն չպէտք է օժանդակենք մեր եղբայրակիցներին ճաշակել այն, այլ պէտք է դրանից ազատենք նրանց, որպէս մի վտանգաւոր եւ չարագործ բանից։ Իսկ եթէ այն բարի է, այն ժամանակ պէտք է ձեռք բերենք այն ինչպէս ուրիշների, այնպէս էլ մեզ համար։ Ինչո՞ւ մենք մեր նկատմամբ պէտք է աւելի պակաս նպաստաւոր տրամադրուած լինենք, քան ուրիշների հանդէպ։ Բնութիւնը մեզ կարեկցութիւն ներշնչելով մեր եղբայրների հանդէպ, չի հրամայում մեր նկատմամբ դաժան եւ անկարեկից լինել։ Ահա թէ ինչն է դրդում ուտոպիացիներին այն կարծիքն ունենալ, որ կատարեալ հաճելի կեանքը, այսինքն ուրախութիւնը, մեր բոլոր գործողութիւնների նպատակը դարձնելու ձգտումը հենց բնութեան պահանջն է, եւ առաքինութիւնը բնութեան կամքին հետեւելն է։ Բնութիւնը, ասում են նրանք այնուհետեւ, կոչ է անում բոլոր մարդկանց օգնել միմեանց եւ միասնաբար կատարել կեանքի ուրախութեան տօնը։ Այս կանոնն արդարացի է․ ոչ մի անհատ չկայ, որ մնացեալ մարդկանցից այնքան բարձր կանգնած լինի, որ նրա մասին միայն բնութիւնը հոգ տանի։ Բնութիւնը բոլորին էլ միեւնոյն կերպարանքն է տուել․ նա բոլորին միատեսակ է տաքացնում, նա ամէնքին միեւնոյն սիրով է շրջապատում․ ինչ որ նա դատապարտում է, դա իր հաշիւ ուրիշների՝ սեփական բարեկեցութեան աւելացումն է։ Այդ պատճառով էլ ուտոպիացիները կարծում են, որ պէտք է ուշադրութիւն դարձնել ոչ միայն քաղաքացիների միջեւ կայացած համաձայնութեան, այլ եւ հասարակական օրէնքներին, որ կարգաւորում են բաւականութիւնների բաշխումը․ ուրիշ խօսքով, հարկաւոր է կեանքի ուրախութիւնը բաշխել յատուկ օրէնքներով, որ գործիք են հանդիսանում արդար իշխանի ձեռքին եւ հաւանութիւն են ստանում ժողովրդից, այնպէս որ այդ օրէնքները չի կարելի ոչ բռնակալութեամբ ճնշել եւ ոչ էլ խորամանկութեամբ շրջանցել։ Երջանկութեան ձգտել, առանց օրէնքները խախտելու—իմաստութիւն է․ գործել ընդհանուր օգուտի համար— դա կրօն է․ ոտնակոխ անել մերձաւորի երջանկութիւնը, աչքի առաջ ունենալով միայն սեփական բախտաւորութիւնը,— ոճրագործութիւն է։ Դրա հակառակ, զրկել իրեն մի հաճոյքից՝ դրան ուրիշին եւս մասնակից անելու նպատակով, ազնիւ եւ զգայուն սրտի նշան է, որ ի դէպ առատօրէն հատուցւում է ամէնից առաջ փոխադարձ ծառայութիւններով, ապա երախտագիտութիւն եւ լաւ յիշողութիւն է առաջացնում այն անձնաւորութեան մէջ, որի հանդէպ ցուցաբերւում է հաճոյակատարութիւնը․ իսկ նա, ով իրեն զրկում է որոշ ուրախութիւնից՝ աւելի մեծ բաւականութիւն է ստանում, քան թէ ինքնազրկումի պատճառած տխրութիւնը։ Վերջապէս այն մարդը, որը կրօնի ճշմարտութիւններին հաւատում է, համոզուած պէտք է լինի, որ աստուած մի անցողիկ եւ փոքրիկ հաճոյքի ինքնազրկումը անպատմելի ու յաւիտենական վայելքով կը վարձատրի։ Այսպիսով, ուտոպիացիները մեր բոլոր գործողութիւնների եւ մինչեւ իսկ բոլոր առաքինութիւնների ամենաբարձր եւ վերջնական նպատակը յանգեցնում են ուրախութիւն ձեռք բերելուն։ Նրանք բաւականութիւն են անուանում հոգու եւ մարմնի այն ամէն դրութիւնն ու շարժումը, որի ժամանակ մարդ մի բնական ներքին բաւականութիւն է զգում։ Առանց հիմքի չէ, որ նրանք աւելացնում են «բնական» բառը․ որովհետեւ ոչ միայն զգայականութիւնը, այլեւ բանականութիւնը մղում են մեզ այնպիսի գործողութիւնների, որոնք ինքնին հաճոյք են պատճառում․ հաճոյք ասելով պէտք է հասկանալ այն բաւականութիւնները, որոնց կարելի է ձգտել առանց անարդարութիւնների եւ այդպիսիք ձեռք բերելու համար մարդ ստիպուած չէ աւելի բարձր վայելքներից հրաժարուել, եւ որոնք վատ հետեւանքներ չունեն։ Կան բաներ, որոնց մարդիկ, բոլորովին հակառակ բնութեան, հաճոյք են համարում լոկ միմիանց միջեւ կայացած անհեթեթ համաձայնութեան պատճառով, կարծես թէ իրենցից կախուած լիներ հեշտութեամբ փոխել ինչպէս գործի էութիւնը, այնպէս էլ նրա որոշումը։ Դրանք ինքնին շատ հեռու լինելով հաճոյք պատճառելուց, միաժամանակ խոշոր խոչնդոտ են հանդիսանում երջանկութիւն ձեռք բերելու համար։ Այդպիսիք թոյլ չեն տալիս դրանց ձգտող անձնաւորութիւններին մաքուր եւ ճշմարիտ հաճոյք վայելել․ դրանք փչացնում են ճաշակը՝ հրապուրելով զբաղուել մի երեւակայական հաճոյքի պատկերացումով։ Արդարեւ, կան բազմաթիւ բաներ, որոնց՝ բնութիւնը հրաժարուել է որեւէ հրապոյր տալուց եւ ընդհակառակը դրանց խառնել է որոշ դառնութիւն․ բայց չնայած դրան, մարդիկ հենց դրանց մէջ են տեսնում գերազանց եւ մինչեւ իսկ որոշ չափով կեանքի համար անհրաժեշտ վայելքներ, թէեւ իրենց էութեամբ դրանք վատ են եւ ընդունակ մարդկանց միայն ստորին հակումները գրգռելու։ Ուտոպիացիները կեղծ վայելքների շարքին են դասում այն մարդկանց սնապարծութիւնը, որոնք, ինչպէս արդեն յիշատակեցի, իրենց ուրիշներից լաւ են համարում, որովհետեւ աւելի գեղեցիկ զգեստներ են կրում։ Այս անմիտների սբնապարծութիւնը ծիծաղելի է երկու պատճառներով։ Նախ, այդպիսիներն իրենց զգեստն աւելի բարձր են գնահատում, քան իրենց անձը․ ճիշտն ասած, ի՞նչով է տարբերւում նուրբ բուրդը կոպիտից։ Սակայն եւ այնպէս անմիտները հագնում են այդ, կարծես թէ իրենք ուրիշներից զանազանւում են անհատական որեւէ յատկանիշով, եւ ոչ թէ յիմար վարմունքով։ Նրանք իրենց զգեստների շքեղութեամբ եւ գեղեցկութեամբ այնպիսի յարգանք են պահանջում, որպիսին չէին սպասի՝ սովորական եւ հասարակ շորեր հագած լինելու դէպքում․ նրանք չարանում են, երբ իրենց արդ ու զարդի վրայ ուշադրութիւն դարձնող չի լինում։ Երկրորդ, նման մարդիկ պակաս պարզամտութիւն չեն ցուցաբերում՝ այնպիսի առանձին նշանակութիւն տալով մեծարանքներին, որ արժանի չեն այդ անունին եւ ոչ ոքի օգուտ չեն բերում։ Մի՞թէ բնական եւ ճշմարիտ է այն բաւականութիւնը, որը մարդ զգում է կեղծաւորի հանդէպ, երբ վերջինս բաց է անում գլուխը ու ծունկը խոնարհաբար իջեցնում։ Մի՞թէ ծնրադրումը կարող է մէկին տենդից, յօդացաւից կամ գլխացաւից բժշկել։ Հաճոյքի մասին ոչ ճիշտ պատկերացումով յափշտակուողների թուին են պատկանում նաեւ ազնուականները, որոնք հպարտութեամբ եւ հաճոյքով են մտածում իրենց ազնուականութեան մասին։ Եւ ի՞նչին են վերագրում նրանք երջանկութիւնը․ այն պատահմունքին, որ սերում են մի երկար շարք նախնիքներից եւ մասնաւորապէս հարուստ կալուածատէրերից (քանի որ այժմեան ազնուականութիւնն ստեղծւում է հարստութեամբ)։ Եւ չնայած բոլորին, այդ յիմարները մազաչափ անգամ չեն հրաժարում ազնուականութեան հպարտութիւնից, եթէ մինչեւ իսկ իրենց հայրերից ոչինչ ժառանգած չլինեն եւ կամ կարողութիւնն ամբողջովին վատնած լինեն։ Ուտոպիացիներն ազնիւ քարերի սիրահարներին դասում են այն մարդկանց շարքը, որոնք կառչում են իրենց ազնուականութեանը։ Նրանք, ովքեր անձնատուր են լինում այդ կրքերին, փոքրիկ աստուածներ են համարում իրենց, հենց որ մի գեղեցիկ կամ հազուագիւտ քար են գտնում, որը առանձնապէս գնահատւում է իրենց ժամանակակիցներից եւ համաքաղաքացիներից։ Այդ քարը ոչ ամէն տեղ եւ ո՛չ միշտ պահպանում է իր արժէքը։ Գոհարների սիրահարն այդպիսիները գնում է մերկ եւ առանց շրջանակների․ նա այնքան զգոյշ է, որ քարի կեղծ չլինելու մասին վաճառողից երաշխաւորութիւն է պահանջում եւ մինչեւ իսկ երդումով արուած հաւաստիացում․ նրա վախն այնտեղ է հասնում, թէ իր աչքերը կարող են խաբուել եւ կեղծուած քարը իսկականի տեղ ընդունել։ Ի՞նչ առանձին հաճոյք կայ դիտել բնական կամ կեղծ ադամանդը, երբ աչքը չի կարողանալու նրանց մէջ իսկականը կեղծից տարբերել։ Ճիշտն ասած, ոչ մէկը եւ ոչ էլ միւսը տեսողութիւն ունեցողի համար աւելի արժէք չունեն, որքան եւ կոյրի համար։ Ի՞նչ կասէիք այն ժլատի մասին, որը փող փողի վրայ է դիզում, առանց դրանք օգտագործելու եւ միայն բաւականանում է դիտելով մետաղէ այդ խոշոր կոյտը։ Միթէ ողորմելի հարստի այդպիսի բաւականութիւնը լոկ ցնորական չէ՞։ Մի՞թէ աւելի երջանիկ է այն մարդը, որն իր փողերը ուրիշ, աւելի միամիտ պատճառներով հորում է․ այդպիսին չի էլ տեսնում իր գանձը՝ նրան կորցնելու վախից, եւ իսկապէս կորցնում է այն։ Իր փողերը հորելը արդեօք չի՞ նշանակում դրանք ծածկել ե՛ւ իրենից ե՛ւ ուրիշներից։ Ժլատը սակայն հանգիստ է, թռչկոտում է ուրախութիւնից՝ մտաբերելով իր խորը թաղած գանձը։ Այժմ ենթադրենք, որ մէկը տիրանում է հողին վստահուած այդ գանձին, իսկ մեր ժլատն իր աւերումից յետոյ դեռեւս տաս տարի ապրում է առանց իմանալու իսկ այդ մասին․ ես հարց եմ տալիս ձեզ․ ի՞նչպէս կարող էր նա այդ տասը տարուայ ընթացքում զգալ իր գանձի պահուած կամ կորած լինելը․ թաղուած թէ գողացուած, այդ նրա համար հաւասարապէս ոչ մի օգուտ չունէր։ Ուտոպիացիները երեւակայական հաճոյքների են համարում նոյնպէս որան ու բախտախաղերը, բայց որովհետեւ նրանց մօտ վերջինները գոյութիւն չունեն, այդ պատճառով էլ դրանք միայն անունով են յայտնի նրանց։ Ի՞նչ հաճոյք կարելի է ստանալ, ասում են նրանք, խաղասեղանի վրայ մի ոսկորի կտոր գցելով․ եթէ մինչեւ իսկ դրանում որոշ բաւականութիւն էլ լինի, այդպիսին շատ շուտով ձանձրալի եւ ինքնին անհամ կը թուայ։ Եւ կամ մի՞թէ կարելի է բաւականութիւն զգալ շատ հաջոցից, որ երբեմն մի քանի ժամ աընդհատ լսւում է։ Մի՞թէ աւելի հետաքրքիր է տեսնել, թէ ինչպէս շունը հալածում է նապաստակին կամ վազում մի այլ շան ետեւից։ Չէ՞ որ երկու դէպքում էլ վազքը միեւնոյնն է եւ հազիւ թէ առանձնապէս հաճելի։ Որսի ժամանակ մի՞թէ գլխաւոր եւ միակ հաճոյքը սպանելու յոյսը, արիւն թափելու կիրքը չէ՞։ Աւելի լաւ չէ՞ արդեօք հոգին բաց անել կարեկցութեան համար։ Ինչպէս նողկանք չզգալ այդպիսի սպանդի հանդէպ, երբ ուժեղ, հանդուգն եւ սարսափելի շունը պատառոտում է թոյլ, վախկոտ ու արագավազ նապաստակին։ Այդ պատճառով էլ մեր կղզեցիներն ազատ մարդկանց արգելում են որսը, որպէս նրանց անարժան զբաղմունք․ որսը նրանք թոյլատրում են միայն սպանդագործներին։ Նրանց կարծիքով, որսորդութիւնն իրենից ներկայացնում է կենդանիներ սպանելու արուեստի ամենաստոր տեսակը․ այս արհեստի միւս տեսակներն աւելի մեծ յարգ են վայելում, որովհետեւ դրանք աւելի են օգուտ բերում։ Վերջին դէպքում կենդանիներին սպանում են միմիայն անհրաժեշտութիւնից դրդուած, մինչդեռ որսորդն արիւնի եւ սպանդի մէջ սոսկ հաճոյք է որոնում։ Բացի այդ, ուտոպիացիները կարծում են, որ սպանելու այդ կիրքը, թէկու գազաններ սպանելու այդ սէրը, արդեն վայրենացած հակում է եւ կամ մի այնպիսի հոգու արտայայտութիւն, որն հետամուտ լինելով այդ բարբարոսական հաճոյքի, բոլորովին կը վայրենանայ։ Ուտոպիացիները խորշում են բոլոր այդ հաճյոքներից ու դրանց նման դեռ անհաշիւ ուրիշներից, որոնց սովորական մարդը գնահատում է իբրեւ բարձրագոյն բարիք, թեպէտ այդ պատկերացումը ոչնչով չի հիմնաւորուած։ Մինչեւ իսկ եթէ այդ բաւականութիւններն ամենահաճելի արբեցումի զգացմունք առաջ բերէին (որը հաճոյքի բնական հետեւանքն է համարւում), այդ դէպքում դրանք միայն կհաստատէին, որ ճշմարիտ ուրախութեան հետ ընդհանուր ոչինչ չունեն․ որովհետեւ, ասում են ուտոպիացիները, զգայական այդ հաճոյքները չեն բխում առարկայի էութիւնից, այլ աւելի շուտ արդիւնք են վատ սովորութիւնների, որոնք դառը քաղցր են համարել տալիս։ Այդպէս են յղի կանայք, որոնց ճաշակելիքը փչացած է եւ որոնք ձէթն ու ճրագուն մեղրից քաղցր են գտնում․ բայց չէ՞ որ հաճոյք չէ, եթէ մէկը հիւանդութեան կամ յիմար սովորութեան պատճառով մի հակաբնական հաճոյք է զգում։ Ուտոպիացիները ճշմարիտ հաճոյքների երկու տեսակ են զանազանում․ մէկը վերաբերում է մարմնին, իսկ միւսը՝ հոգուն։ Հոգեկան հաճոյքները գտնւում են մտաւոր ուժերի եւ մաքուր ուրախութիւնների զարգացման մէջ, այդ հաճոյքներին ուղեկցում են ճշմարտութեան որոնումները։ Մեր կղզեցիները դրանց միացնում են նաեւ անբիծ կեանքի գիտակցութիւնն ու երջանիկ անմահութեան որոշ յոյսը։ Մարմնական հաճոյքները նրանք բաժանում են երկու կարգի։ Առաջին կատեգորիան ընդգրկում է այն բոլոր հաճոյքները, որոնք զգացմունքի վրայ իրական, բացայայտ ազդեցութիւն են թողնոմւ, եւ որոնց պատճառը ներքին ջերմութիւնով յոգնած օրգանների թարմացումն է։ Այդ տպաւորութիւնն առաջ է գալիս մասամբ խմելու եւ ուտելու գործողութիւնից, որ վերականգնում է սպառած ուժերը, իսկ միւս կողմից էլ՝ անասնական տարբեր ֆունկցիաներից, որոնք մարմնից վանում են աւելորդ նիւթերը։ Վերջինների մէջ են մտնում միզելը, կղկղանքի արտաթորումը, սեռական յարաբերութիւնները եւ քոր եկող տեղի քորելը կա շփելը։ Երբեմն զգայական հաճոյքները չեն ծագում անասնական ֆունկցիաներից, որոնք յոգնած անդամները թարմացնում են եւ կամ անհաճոյ աւելորդ նիւթերից ազատում են․ նման դէպքում դա մի ներքին եւ անբացատրելի ուժի ազդեցութիւնն է, որ գրգռում, հրապուրում ու իրեն է ձգում․ այդ տեսակ հաճոյքների թուին է պատկանում երաժշտութիւնը։ Զգայական հաճոյքների երկրորդ տեսակը մշտական ու անպայման առողջութիւնն է։ Արդարեւ, այն մարդը, որ ոչ մի ցաւ չունի, զգում է հանգստաւէտութեան որոշ տեսակի բաւականութիւն, թէեւ ընդհանրապէս նրա արտաքին օրգանների վրայ դա առանձնապէս հաճելի ոչինչ չի ներգործում։ Ճիշտ է, այդ տեսակի հաճոյքը չի գրգռում ու արբեցնում զգացմունքը, ինչպէս օրինակ համեղ կերակուրը կամ խմիչքը, բայց եւ այնպէս շատերն այդ հաճոյքը միւս բոլորից գերադասում են, եւ համարեայ բոլոր ուտոպիացիները համամիտ են, որ առողջութիւնը երջանկութեան անկիւնաքարն է։ Որովհետեւ, ասում են նրանք, միայն կատարեալ առողջութեան դէպքում կեանքը կարող է խաղաղ եւ ցանկալի ընթանալ․ առանց առողջութեան ոչ մի հաճոյք հնարաւոր չէ․ առանց նրան մինչեւ իսկ ցաւի բացակայութիւնն այլեւս որպէս բարիք չի ներկայանում, այլ միայն՝ մարմնի անզգայութիւն։ Այս առթիւ Ուտոպիայում մի անգամ աշխուժ վէճ բարձրացաւ։ Ոմանք պնդում էին, թէ մշտական ու անխռով առողջութիւնը հաճոյքների թուին չի պատկանում, քանի որ նա, միւս զգայական բաւականութիւնների նման, իսկական, առանձին վայելք չի պատճառում։ Այժմ սակայն, քիչ բացառութեամբ, բոլորը համաձայն են, որ առողջութիւնն էական հաճոյք է։ Նրանց կարծիքով՝ ցաւը, որն ուղեկցում է հիւանդութեան, վայելքի անհաշտ թշնամի է․ հիւանդութիւնն էլ հաւասարապէս առողջութեան թշնամին է։ Ինչո՞ւ ուրեմն առողջութեան մէջ վայելք չպէտք է լինի, եթէ հիւանդութիւնն իր հետ դժբախտութիւն է բերում։ Այդ պատճառով էլ միեւնոյն է, թէ հիւանդութիւնը ցաւի հետեւանքն է, թէ ընդհակառակը, քանի որ երկու դէպքում էլ արդիւնքը նոյնն է։ Այսպիսով, այն հարցը, թէ առողջութիւնն ինքնին հաճո՞յք է, թէ լոկ նրա հետեւանք, ինչպէս կրակը տաքութեան անհրաժեշտ պատճառն է— դա միեւնոյնն է․ այն մարդը, որը շարունակ առողջ է, պէտք է որ որոշ բաւականութիւն զգայ։ Երբ մենք ուտում ենք, ասում են ուտոպիացիները, միթէ դրանով չե՞նք վերականգնում մեր առողջութիւնը, որ քաղցից սկսում է թուլանալ։ Յայտնւում են սննդի միջոցները, որոնք ետ են մղում ապառնացող թշնամուն ու բաւականութիւն են պատճառում մարդուն՝ միաժամանակ վերականգնելով նրա նորմալ ուժերը։ Բայց մի՞թէ առողջութիւնը, որը պայքարի մէջ այդքան բաւարարութիւն է գտնում, չպէտք է ուրախանայ իր յաղթանակով։ Չէ՞ որ առողջութիւնն այդ կռուի մէջ որոնում է իր նախկին ուժերը եւ հնարաւո՞ր է արդեօք, որ նա ձեռք բերելով այդ արդիւնքը, բութ անզգայութեան մէջ ընկներ՝ առանց իր երջանկութիւնն զգալու եւ կամ սիրելու։ Այդ պատճառով էլ ուտոպիացիներն անպայմանօրէն դատապարտում են այն կարծիքը, թէ իբր առողջ մարդը չի զգում իր վիճակը։ Նրանց կարծիքով հիւանդ կամ քնած պէտք է լինել՝ չհասկանալու համար, թէ որքան լաւ ես զգում քեզ։ Պէտք է քարացած լինել կամ մահաքուն մտած լինել՝ չուրախանալու համար իր առողջութեան վրայ, որպէսզի նրա մէջ չտեսնել հաճոյքի աղբիւրը։ Իսկ ի՞նչ է հանգստաւէտութեան եւ ֆիզիկական հաւասարակշռութեան այդ զգացմունքը, թեէ ոչ՝ բաւականութիւն։ Ուտոպիացիներն ամբողջովին անձնատուր են լինում հոգեւոր հաճոյքներին, որ համարում են ամենաազնիւ ու ամէնից էական հաճոյքները։ Նրանք ամենամաքուր ու ամէնից ցանկալի բաւականութիւնների թուին են դասում առաքինութեան կենսագործումն ու անբիծ կեանքի գիտակցութիւնը։ Ֆիզիկական հաճոյքներից նախապատւութիւնը նրանք տալիս են առողջութեան, որովհետեւ, եթէ պէտք է լաւ ճաշի ու կենդանական միւս վայելքների բաւարարմանը ձգտել, ապա նրանց կարծիքով այդ կատարւում է լոկ առողջութիւնը պահպանելու համար, քանի որ դրանք ոչ թէ ինքնին, այլ միմիայն այն պատճառով են հաճելի, որ դիմադրում են հիւանդութեան ծածուկ յարձակումներին։ Բանական մարդն աւելի շուտ սնանկացումը կը կանխի, քան թէ յետոյ դրամական փոխառութիւնների կապաւինի․ աւելի շուտ ցաւից կը խուսափի, քան թէ յոյսը դեղորայքի վրայ կը դնի։ Այդ պատճառով ուտոպիացիներն օգտագործում են այն բոլոր բաւականութիւնները, որոնցից զրկուելը նրանց կհարկադրի դիմել բուժիչ միջոցների։ Սակայն ուտոպիացիներն իրենց ամբողջ երջանկութիւնն այդ բաւականութիւնների վրայ չեն հիմնում․ այլապէս մշտական քաղցն ու ծարաւը մարդկային բախտաւորութեան գագաթնակէտը կը համարուեր, քանի որ անհրաժեշտ կը լինէր անընդհատ ուտել ու խմել։ Հասկանալի է, որ այդպիսի կեանքը նոյնքան ողորմելի կը լինէր, որքան եւ արգահատելի։ Կենդանական հաճոյքները— դրանք ամենաստոր հաճոյքներն են, ամենից անմաքուրները, որոնց միշտ վիշտն է ուղեկցում։ Մի՞թէ կշտանալու հաճոյքի հետ քաղցը չի՞ մեռնում, եւ այն էլ չափազանց անհաւասար համեմատութեամբ։ Քաղցի զգացումն արդարեւ ամենաուժգինն է, նա միաժամանակ ամենից երկարատեւն է, քանի որ սկսում է բաւարարման զգացումից առաջ եւ վերջանում է միայն նրա հետ։ Այդ համոզումներով համակուած՝ ուտոպիացիները կարծում են, որ մարմնական հաճոյքները կարելի է այնքան ժամանակ միայն գնահատել, որքան նրանք օգտակար ու անհրաժեշտ են։ Չնայած այդ բոլորին, նրանք այնուամենայնիւ սիրով անձնատուր են լինում դրանց եւ շնորհակալ են բնութիւնից, որ մայրական քնքշութեամբ հոգ է տանում մարդկային կարիքների մասին՝ կեանքի անհրաժեշտ ֆունկցիան զուգակցելով հաճելի զգացողութիւններով։ Որքան տխուր կը լինէր մեր ճակատագիրը, եթէ հարկադրուած լինէինք քաղցն ու ծարաւն ամէն օր թոյնով ու դառը դեղորայքով վանել, ինչպէս այդ անում են՝ հիւանդութիւնների ժամանակ։ Ուտոպիացիները հաճոյքով խնամում են իրենց գեղեցկութիւնը, ուժն ու մարմնի ճկունութիւնը— բնութեան այդ լաւագոյն պարգեւները։ Նրանք նոյնպէս ախորժում են այն հաճոյքներից, որ վայելում են տեսողութեան, լսողութեան եւ հոտառութեան օրգանների օժանդակութեամբ— բաւականութիւններ, որ բնութիւնն ստեղծել է բացառապէս մարդու համար եւ որոնք կազմում են կեանքի աղն ու հրապոյրը։ Չէ՞ որ կենդանին իր հայեացքը չի ածում բնութեան գեղեցկութեան, տիեզերքի ներդաշնակութեան եւ կարգ֊կանոնի վրայ։ Նա հոտոտում է, որպէսզի զանազանի իր սնունդը, սակայն բուրմունքի գրգիռը չի զգում։ Նա չի իմանում ձայների փոխյարաբերութիւնը եւ դիսսոնանսը չի կարող տարբերել ներդաշնակութիւնից։ Ի միջի այլոց, ուտոպիացիներն ամէն տեսակի զգայական պահանջները բաւարարելիս, երբեք չեն մոռանում գործնական կանոնը, այսինքն՝ խուսափել այն բաւականութիւնից, որը բացառում է մի ուրիշ, աւելի մեծ հաճոյք եւ իրենից յետոյ որեւէ ցաւ է թողնում։ Նրանց կարծիքով, ցաւը իւրաքանչիւր ոչ մաքուր բաւականութեան անխուսափելի հետեւանքն է։ Նրանց սկզբունքներից մէկը հետեւեալն է․ արհամարհել մարմնի գեղեցկութիւնը, թուլացնել նրա ուժերը, բթացնել ճկուն անդամները, ծոմապահութեամբ եւ ժուժկալութեամբ փոխել իր տեմպերամենտը, փչացնել իր առողջութիւնը, կարճ, հրաժարուել բնութեան բոլոր պարգեւներից միմիայն այն յոյսով, որ աստուած գալիք կեանքում կը վարձատրի— նշանակում է մոռանալ իր անձը եւ կատարել կրօնական պարտքը։ Սակայն, մարմինը խարազանել, անձը զոհել սին պատրանքի եւ կամ նրա համար, որպէսզի վարժուի ապագայ տառապանքներին, որոնց գուցէ երբեք ենթակայ չի լինելու— ցոյց է տալիս յամառ յիմարութիւն, վախկոտ խստութիւն իրեն նկատմամբ եւ ամբարտաւան երախտամոռութիւն բնութեան հանդէպ․ դա նշանակում է ոտնակոխ անել արարչի բարերարութիւնը՝ որպէս թէ արհամարհելով դրանք։ Առաքինութեան եւ հաճոյքի հարցում ահա այդ է ուտոպիացիների տեսութիւնը։ Ինչքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն արժանանայ աստուածային յայտնութեանը, որը նրանց աւելի նպատակահարմարն է սովորեցնում, նրանք կարծում են, որ մարդկային բանականութիւնն ի վիճակի չէ ոչինչ աւելի լաւ բան յօրինել։ Այս բարոյականութիւնը լաւ է թէ վատ, այդ մասին ես դատողութիւն անել չեմ ուզում։ Դրա համար ինձ չի բաւականացնի ժամանակը եւ, բացի այդ իմ նպատակի համար անհրաժեշտ էլ չէ։ Ես յանձն առայ պատմել, ոչ թէ գովասանքներ շռայլել։ Բայց այնուամենայնիւ ես հաստատապէս համոզուած եմ, որ ուտոպիացիները, շնորհիւ այդ հիմնարկների, աշխարհի առաջին ժողովուրդն են եւ ուրիշ ոչ մի տեղ աւելի երջանիկ պետութիւն գոյութիւն չունի։ Ուտոպիացին ճարպիկ է եւ նեարդային․ առանց բարձրահասակ լինելու, նա աւելի ուժեղ է, քան իր արտաքինը թոյլ է տալիս ենթադրել։ Կղզին ոչ ամէն տեղ միատեսակ արգաւանդ է։ Օդը ոչ ամենուրէք հաւասարապէս մաքուր եւ առողջ․ բնակիչները միջավայրի վնասակար ազդեցութիւնների դէմ կռւում են ժուժկալութեան միջոցով։ Հողը նրանք լաւացնում են հրաշալի մշակումով, այնպէս որ ուրիշ ոչ մի տեղ չէք հանդիպի աւելի լաւ անասունների եւ առաւ բերքի։ Ոչ մի տեղ մարդու կեանքն աւելի երկարատեւ չէ եւ հիւանդութիւնների թիւն այնքան չնչին։ Հողագործ քաղաքացիները չեն միայն, որ մեծ կատարելութեամբ աշխատում են բնութիւնից անշնորհակալ հողն արգաւանդ դարձնելու աշխատանքի վրայ։ Երբեմն ամբողջ ժողովուրդը մասսայական կերպով հաւաքւում է արմատահան հանելու համար ամբողջ անտառներ, որոնք արգելում են հաղորդակցութիւնը, եւ դրա փոխարէն տնկում են ծովի եւ գետերի ափերին կամ քաղաքի շրջակայքում, որովհետեւ հողի բոլոր արտադրանքներից փայտն ամէնից դժուարն է ցամաքով տեղափոխելը։ Ուտոպիայի ժողովուրդը բանիմաց է, սիրալիր եւ աշխատասէր․ նա աշխատում է դանդաղ, բայց ուշադից, իսկ եթէ գործն անհրաժեշտ է, այն դէպքում ընդունակ է ծաւալել խոշոր գործունէութիւն․ նրանց ամենաազնիւ կիրքը մտաւոր ուժերի վարժեցումն ու զարգացումն է։ Կղզու վրայ մեր բնակութեան ընթացքում մենք բնակիչներին Յունաստանի արուեստների եւ գիտութիւնների մասին մի քանի բաներ յայտնեցինք։ Իսկապէս որ զարմանալի էր տեսնել, թէ ինչպէս այդ բարի կղզեցիները թախանձագին խնդրում էին մեզ բացատրել յոյն հեղինակները։ Լատինականների մասին մենք նրանց հետ չխօսեցինք, քանի որ կարծում էինք, որ վերջինների մէջ նրանք միայն պատմագիրներին ու բանաստեղծներին են գնահատելու։ Վերջապէս մենք ստիպուած եղանք տեղի տալ նրանց խնդրանքներին։ Մեր կողմից դա, խոստովանում եմ ձեզ, լոկ հաճոյակատարութեան մի արտայայտութիւն էր, որից մենք ոչ մի հետեւանք չէինք ակնկալում։ Սակայն մի քանի դասախօսութիւններից յետոյ մենք հիմք ունեցանք շնորհաւորելու մեզ մեր ձեռնարկումի յաջողութեան համար, որովհետեւ մեր աշակերտներն ապշեցուցիչ առաջադիմութիւն կատարեցին եւ մեծ եռանդ յայտաբերեցին։ Մենք ապշած էինք այն արագաշարժութեան վրայ, որով նրանք տառերի ձեւը ճիշտ ընօրինակում էին, ինչպէս եւ նրանց արտասանութեան, յիշողութեան ճշգրտութեան, թարգմանութեան հարազատութեան վրայ։ Նրանցից շատերը, որ սկզբում ինքնակամ եւ գովելի եռանդով նուիրուեցին այդ գործին, հետագայում, սենատի հրատարակած մի որոշման հիման վրայ, պարտաւորւում էին շարունակել այն։ Նրանք բոլորը գիտնականների դասակարգից լաւագոյններն էին, բոլորն էլ հասուն տարիքի մարդիկ։ Այսպիսով, աւելի պակաս, քան երեք տարում կլասիկ հեղինակների ստեղծագործութիւններից ոչինչ չմնաց, որ նրանք ընթերցելիս չհասկանային (բացառութեամբ անշուշտ գրչի սխալների պատճառով աղավաղուած մասերի)։ Իմ կարծիքով, այն մեծ դիւրութիւնը, որով նրանք սովորեցին յունարէնը, ապացուցում է, որ այդ լեզուն նրանց ամենեւին օտար չէր։ Ծագումով ես նրանց յոյներ եմ համարում, թեպէտ նրանց բնիկ լեզուն (գավառական լեզուն) կրում է պարսկական ազդեցութեան կնիք․ սակայն քաղաքների եւ պաշտօնատար անձերի անուանումների մէջ նկատելի են յունական լեզուի մի քանի հետքեր։ Իմ դէպի Ուտոպիա չորրորդ ճանապարհորդութեան ժամանակ, ապրանքների փոխարէն ինձ հետ վերցրել էի մի մեծ կապոց գիրք եւ հաստատ որոշել էի, որքան հնարաւոր է ուշ վերադառնալ Եւրոպա։ Երբ ես ուտոպիացիներից բաժանւում էի, իմ գրադարանը թողեցի նրանց․ այսպիսով, նրանք ինձնից ստացան Պլատոնի բոլոր գործերը, Արիստոտելից մի նշանակալի թիւ, եւ Թեոֆբաստի իրքը բոյսերի մասին, որը դժբախտաբար շատ տեղերում պատռուած էր։ Ճանապարհին ես այդ գրքի մասին շատ քիչ հոգ տարայ․ դժբախտաբար մի կապիկ գտաւ այն եւ այդ փուչն առանձին հաճոյք զգաց թերթիկներ պոկել մէկ այստեղից, մէկ այնտեղից։ Բոլոր քերականագէտներից ես կարողացայ մեր կղզեցիներին տալ միայն Լոսկարիսը, որովհետեւ Թեոդորը ես ինձ հետ չէի վերցրել։ Բառարաններից նրանք ունեն Հազիխիուսը եւ Դիոսկորիտը։ Պլուտարքը<ref>Պլուտարք (50—120 մ․ թ․ ա)— յոյն գրող․ ունի բազմաթիւ աշխատութիւններ կրօնի, փիլիսոփայութեան եւ պատմութեան վերաբերեալ։ Ամէնից աւելի հռչակ ստացան նրա յամեմաական կենսագրութիւնները», որ բովանդակում է 46 նշանաւոր մարդկանց կենսագրութիւններ։ Պլուտարքը ծագում էր յունական միջին հողատէրերի շարքերից։ «Առաքինութիւնը» նա համարում էր պատմական պրոցեսի շարժիչ ուժը։ Նրա քաղաքական իդեալն էր Հռոմի համաշխարհային կայսրութիւնը՝ ուժեղ անձնաւորութիւնների կառավարութեամբ եւ յունական ինտելիգենցիայի ներգրաւումով։ Նրա գլխաւոր աշխատութիւնը վենետիկեան Մխիթարեանները թարգմանել են հայերէն («Զուգակշիռք»)։</ref> նրանց սիրած գրողն է։ Լուդիայի զուարթութիւնն ու աշխուժութիւնը զմայլեցնում է նրանց․ բանաստեղծներից նրանք ունեն Արիստոֆանը<ref>Արիստոֆան (մօտ 450—385 մ․ թ․ ա․)— հին յունական դրամատիկական գրող․ գրել է կոմեդիաներ։ Արիստոֆանը, սրամտութեամբ եւ ֆանգազիայով հարուստ իր կոմեդիաներում, ծաղրում էր Աթենքի հասարակութեան բոլոր նորութիւնները պետական եւ հասարակական կենցաղում, դեմոկրատիան եւ դեմոկրատական դատարանը։ Հասարակական֊քաղաքական կոնսերուատիզմի իդեոլոգէր՝ կապուած հողային արիստոկրատիայի հետ, որ իշխանութիւնից ետ մղուեց առեւտրական կապիտալի ներկայացուցիչների կողմից։</ref>, Հոմերոսը, Էւրիպիդէսը եւ Ալտուսի՝ Սոֆոկլէսի փոքր հրատարակութիւնը։ Պատմագիրներից ես նրանց թողեցի Թուկիդիտէսը, Հերոդոտը եւ Հերոդիան։ Բժշկականութեան բնագավառից նրանք ունեն Հիպոկրատի մի քանի գործերը եւ Գալիանի միկրոտեխնիկան, որը իմ ճանապարհի ընկեր Թրիցիուս Սպինան հետն էր վերցրել։ Վերջին երկու գրքերը նրանց մօտ մեծ հարգանք են վայելում․ թէեւ բժշկութիւնը ոչ մի երկրում այնքան նուազ պէտք չէ, ինչպէս Ուտոպիայում, բայց եւ այնպէս թւում է թէ այստեղ նրան աւելի են հարգում։ Ուտոպիացիները բժշկականութիւնը դասում են բնափիլիսոփայութեան ամենաօգտակար եւ ամէնից ազնիւ բնագաւառների չարիքը։ Բժիշկը, ասում են նրանք, որ ճիգ է գործ դնում թափանցել կեանքի գաղտնիքների մէջ, այդ ուսումնասիրութիւնից ոչ միայն անպատմելի հաճոյք է ստանում, այլ եւ իրեն դարձնում է կեանքի փնտռուած ստեղծագործողը։ Ուտոպիացիների հայեացքների համաձայն, արարիչը՝ երկրային վարպետի նման, աշխարհի մեխանիզմը բաց է անում մարդուն— միակ էակին, որը կարող է ըմբռնել նրա վսեմ անվախճականութիւնը։ Աստուած սիրով ցած է նայում այն մարդու վրայ, ով սքանչանում է այս մեծ գործով եւ ձգտում է յայտագործել նրա շարժումներն ու օրէնքները․ իսկ նրան, ով անբան անասունի նման այս հիասքանչ տեսարանի հանդէպ սառն ու անզգայ է մնում՝ աստուած կարեկցաբար է նայում։ Այժմ հասկանալի կը լինի, թէ ինչու ուտոպիացիները, որոնց միտքը մշտապէս զարգանում է գիտութիւնների ու գրականութեան ուսումնասիրութիւնով, կեանքի բարորութեանը նպաստող արուեստներն ու գիւտերը իւրացնելու հիանալի ընդունակութեամբ են օժտուած։ Տպագրութեան եւ թղթի պատրաստման արուեստը նրանք պարտական են մեզ․ բայց եւ այնպէս նրանց սրաթափանց միտքն այս գործում աւելի օգուտ բերեց, քան մեր տուած տեղեկութիւնները, որովհետեւ մենք այս երկու արուեստներից եւ ոչ մէկը հիմնաւոր կերպով չգիտէինք։ Այսպիսով, մենք սահմանափակուեցինք միայն նրանով, որ նրանց ցոյց տուինք Ալտուսի տպագրութիւնը եւ, որքան կարող էինք, բացատրեցինք թղթի պատրաստման ու տպագրութեան համար օգտագործուող նիւթերը եւ այդ գործի մի քանի եղանակները։ Նրանք շուտով կռահեցին այն, որի մասին մենք միայն ակնարկել էինք։ Նախապէս նրանք գրում էին կաշուի, ծառի կեղեւների եւ եղեգի տերեւների վրայ։ Նրանք իսկոյն փորձեցին թուղթ պատրաստել ու տպագրել։ Այդ առաջին փորձերը վատ արդիւնք տուեցին, սակայն հազար անգամ կրկնելով այն, նրանք կատարեալ հաջողութեան հասան, եւ եթէ ձեռքի տակ ունենային յունական բոլոր ձեռագրերը, դրանից կը կարողանային բազմաթիւ հրատարակութիւններ արտատպել։ Բացի այն գրքերից, որ ես թողել եմ նրանց, այժմ նրանք ուրիշ գրքեր չունեն, սակայն այդ գրքերն արդեն հազարաւոր օրինակներով բամացրել են։ Երբ մի օտարական Ուտոպիա է գալիս, նա հրաշալի ընդունելութիւն է գտնում, մասնաւորապէս, եթէ որեւէ ծառայութեամբ արժանի է դրան կամ եթէ երկարատեւ ճամբորդութեան միջոցով ճշգրիտ տեղեկութիւններ է ձեռք բերել մարդկանց ու մարդկային յարաբերութիւնների մասին։ Հաւանաբար վերջին պատճառին պէտք է վերագրել այն, որ մեզ այնքան լաւ ընդունեցին այդ երկրում, որտեղ չափազանց հաճոյքով լսում են այն բոլորի մասին, որ կատարւում է դրսի աշխարհում։ Առեւտրական նպատակներով այնտեղ շատ քիչ արտասահմանցիներ են գալիս եւ իսկապէս ի՞նչի կարիք ունեն ուտոպիացիները, բացի երկաթից։ Ոսկի՞ կամ արծա՞թ․— սակայն արտասահմանցիներն անկասկած հարկադրուած կը լինէին թէ մէկը եւ թէ միւսը իրենց հետ կրկին ետ տանել։ Ինչ վերաբերւում է արտահանման առեւտրին, ուտոպիացիներն այդպիսին իրենք են կատարում եւ դրանով հետապնդում են երկու նպատակ․ նախ՝ մշտապէս իմանալ, թծէ ինչ է կատարւում արտաքին աշխարհում եւ ապա՝ պահպանել եւ կատարելագործել իրենց նաւագնացութիւնը։ ===Ստրուկների մասին=== Պատերազմական ոչ բոլոր գերիներն են ստրուկներ դառնում, այլ միայն նրանք, որ զէնքը ձեռքին գերի են ընկնում։ Ստրուկի որդին ազատ է․ օտար ստրուկը նոյնպէս ազատւում է, հենց որ ոտք է դնում Ուտոպիայի հողի վրայ։ Մասնաւորապէս այն քաղաքացիներն են ենթարկւում ստրութեան, որոնք ծանր ոճիր են գործում, ինչպէս նաեւ այն օտարերկրեացիները, որ մահուան են դատապարտուած․ վերջին դասակարգի ստրուկներն Ուտոպիայում շատ են․ ուտոպիացիներն այդպիսիներին ձեռք են բերում արտասահմանում չնչին գնով, իսկ յաճախ էլ՝ ձրի են ստանում։ Բոլոր այս ստրուկները հարկադիր աշխատանքի են դատապարտւում եւ կրում են շղթաներ։ Սակայն ուտոպիացիները տեղացի ստրուկների հետ աւելի մեծ խստութեամբ են վարւում․ վերջիններին նրանք համարում են գարշելի չարագործներ եւ արժանի՝ բարոյական պատուազրկութեամբ օրինակ ծառայել ուրիշներին։ Արդարեւ, դաստիարակելիս նրանց մէջ ցանել են առաքինութեան բոլոր սաղմերը․ նրանք հնարաւորութիւն ունէին լաւ եւ երջանիկ լինել, բայց չնայած դրան, չեն կարողացել հեռու մնալ ոճրագործութիւնից։ Ստրուկների մի դասակարգ էլ կազմւում է հարեւան երկրների աղքատ օրավարձուորներից, որոնք գալիս եւ ինքնակամ առաջարկում են իրենց ծառայութիւնները։ Վերջինների հետ սովորաբար այնպէս են վարւում, ինչպէս սեփական քաղաքացիների հետ, միայն թէ նկատի առնելով, որ նրանք սովոր են աւելի մեծ լարուածութեան՝ մի փոքր աւելի են աշխատեցնում։ Նրանք ազատ են ես վերադառնալու, երբ ուզենան (որ ի միջի այլոց հազուադէպ է լինու), եւ ուտոպիացիները նրանց երբեք դատարկաձեռն բաց չեն թողնում։ Արդեն յիշատակեցի, թէ ուտոպիացիներն ինչպէս հոգածու խնամք են տանում հիւանդներին․ նրանք չեն զլանում որեւէ բան, որ կարող է նպաստել նրանց ապաքինմանը, լինեն դրանք դեղորայք թէ սննդամիջոցներ։ Այն դժբախտները, որոնք անբուժելի հիւանդութիւններով են տառապում, ստանում են ամէն տեսակ մխիթարութիւն․ նրանց շրջապատում են լաւագոյն խնամքով եւ ձգտում են ամէն հնարաւոր ֆիզիկական ու բարոյական թեթեւացում պատճառել նրանց, որպէսզի այդպիսիների կեանքը կարելի չափով տանելի դարձնեն։ Իսկ եթէ անբուժելի հիւանդութեան միանում են նաեւ անտանելի ցաւեր, որ չի կարելի ոչ մի բանով ոչ հեռացնել եւ ոչ էլ մեղմել, այդ դէպքում քահանաներն ու պաշտօնական անձերն այցելում են հիւանդին եւ խորհուրդ տալիս նրան անել այն, ինչ տուեալ պայմաններում ամէնից յարմարն է թւում։ Նրանք բացատրում են նման հիւանդին, որ նա զրկուած է կեանքի բարիքներից ու գործառնութիւններից եւ վերապրում է իր սեփական մահը ու դրանով բեռ դառնում թէ իրենց եւ թէ ուրիշներին։ Նրանք համոզում են հիւանդին՝ չերկարացնել իր տառապանքները եւ արիաբար մեռնել, քանի որ նրա համար կեանքը միայն տանջանքների մի շարան է։ «Քաջասիրտ եղի՛ր,— ասում են նրանք,— փշրի՛ր քեզ կաշկանդող շղթաներն ու հոժար կամքով թո՛ղ կեանքի բանտը եւ կամ թոյլ տուր, որ ուրիշներն ազատեն քեզ նրանից․ քո մահը չի ներկայանում որպէս անմիտ հրաժարումն կեանքի բարիքներից, այն կը լինի միայն անտանելի տառապանքնեիր վախճանը»։ Այդ դէպքում քահանայի ձայնին հետեւելը, որն աստուածութեան կամքի արտայատողն է, նշանակում է կրօնական եւ սրբազան գործ կատարել։ Նրանք, որ համոզւում են, յօժարակամ վերջ են տալիս իրենց կեանքին․ նրանց թմրեցնում են քնաբեր խմիչքով, այնպէս որ առանց զգալու փոխադրւում են միւս կեանքը։ Իսկ նրանք, որ չեն համաձայնւում մեռնել, դրա համար չեն դադարում մնալ ամենահոգածու ուշադրութեան եւ խնամքի առարկայ․ իսկ երբ մեռնում են, հասարակական կարծիքը նրանց յիշատակը նոյնպէս յարգում է։ Այն մարդը, որ առանց իշխանութեան կամ քահանայի կողմից հաւանութեան արժանացած պատճառի ինքնասպանութիւն է գործում, անարժան է համարւում հողին ու կրակին․ նրա մարմինը չեն թաղում, այլ անարգելով նետում են տիղմի մէջ։ Աղջիկները տասնութ, իսկ տղաները քսան երկու տարեկան լինելուց առաջ չեն կարող ամուսնանալ։ Երկու սեռի մարդիկ, որոնք նախքան ամուսնութիւնը սեռական հաճոյքով մոլորւում են, ենթարկւում են ծանր պատիժների․ նրանց ընդմիշտ արգելւում է ամուսնանալ, եթէ միայն իշխանը նրանց մեղքը չների։ Այն ընտանիքի հայրն ու մայրը, որի մէջ տեղի է ունեցել այդ դէպքը, պատուազրկուած են համարւում, որովհետեւ բաւարար հոգածութեամբ չեն հսկել իրենց երեխաների ընթացքին։ Այս օրէնքը թերեւս ձեզ չափազանց խիստ թուայ․ սակայն Ուտոպիայում նման վարմունքի համար այդքան խիստ են վերաբերւում այն պատճառով, որովհետեւ կարծում են, թէ երկու անձերի ամուսնական սէրը, որոնք պէտք է ամբողջ կեանքը միասին ապրեն եւ այդ կենակցութեան ժամանակ հազարաւոր տհաճութիւններ կրեն, շատ շուտով կը սառի, եթէ նրանցից մէկի հանցագործ սէրը հանդուրժելի ու անպատիժ մնայ։ Ի միջի այլոց ուտոպիացիները կուրօրէն չեն ամուսնանում․ որպէսզի լաւագոյն կին ընտրեն, նրանք հետեւում են մի սովորոյթի, որը սկզբում մեզ բացարձակ ծիծաղելի եւ անհեթեթ կը թուայ, սակայն նրանք սառնարիւն եւ իսկապէս զարմանալի լրջութեամբ կատարում են։ Պատուաւոր ու հասուն տարիքի մի կին փեսացուին ցոյց է տալիս նրա հարսնացուին կատարելապէս մերկ վիճակում՝ լինի նա աղջիկ կամ այրի․ իսկ ազնւութեամբ փորձուած մի տղամարդ՝ երիտասարդ կնոջը մերկ ներկայացնում է նրա փեսացուին։ Այդ տարօրինակ սովորոյթը մեզ սրտանց ծիծաղելու առիթ տուեց, եւ մենք սկզբում բաւական տխմար համարեցինք այդ։ Սակայն մեր բոլոր հեգնանքներին ուտոպիացիները պատասխանում էին, որ իրենք էլ իրենց հերթին ուրիշ երկրների բնակիչների յիմարութիւնների վրայ չեն կարող պակաս չզարմանալ։ Երբ— ասում էին նրանք,— ձեզ մօտ մի ծեր յաբու են գնում, որը մի քանի տասնեակ ռուբլի արժի, այդ ժամանակ յայտաբերում են արտակարգ զգուշութիւն։ Կենդանին գրեթէ ամբողջովին մերկ է, բայց եւ այնպէս վերցնում են նրա թամբն ու սարքը՝ վախենալով, որ այդ չնչին պատեանները կարող են որեւէ հնացած վէրք ծածկել։ Իսկ երբ գործը վերաբերում է ամուսնու ընտրութեան, մի ընտրութիւն, որ հետագայ ամբողջ կեանքի վրայ ազդեցութիւն է գործում եւ որից կարող է հաճոյք կամ տանջանք առաջ գալ, այդ դէպքում գործի են անցնում առանց որեւէ զգուշութեան։ Ի՞նչպէս կարելի է անքակտելի կապերով միանալ մի մարմնի հետ, որն ամբողջովին շորերով է ծածկուած եւ մարդու մասին մնում է դատել միմիայն դէմքից, նրա մարմնի համեմատաբար փոքր մասից․ նրանք չեն վախենում շուտով մի ծածկուած այլանդակութիւն գտնելուց, որ նրանց հարկադրւում է ամբողջ կեանքի ընթացքում անիծել այդ չափազանց շտապ կնքուած ամուսնութիւնը։ Ուտոպիացիները որոշ չափով իրաւունք ունէին այդպէս խօսելու․ չէ՞ որ բոլոր մարդիկ բաւական փիլիսոփայ չեն, որ կնոջ մէջ միմիայն միտքն ու սիրտը գնահատեն։ Միչնեւիսկ փիլիսոփան էլ անբաւական չի լինի, երբ մարմնական գեղեցկութիւնը զուգորդւում է մտաւոր կարողութիւնների հետ։ Կասկածից վեր է, որ փայլուն զարդարանքը կարող է ծածկել ետ վանող տգեղութիւնը․ դժբախտ ամուսնու ինչպէս սիրտը, այնպէս էլ զգացմունքը կը վրդովուեն եւ նա կը սկսի անիծել իր կնոջը, որի հետ ամուսնալուծութիւնն անկարելի է, որովհետեւ խաբեբայութիւնը, երբ այն՝ ամուսնութիւնից յետոյ է միայն յայտաբերւում՝ չի վերացնում ամուսնութիւնը։ Հետեւապէս տղամարդուն ոչինչ չի մնում, քան այն, որ ինքն իր մէջ կրծոտի զայրոյթը։ Այդ պատճառով էլ, նման որոգայթներից խուսափելու համար օրէնքներին է մնում մարդուն տրամադրել մի վստահելի միջոց, մասնաւորապէս Ուտոպիայում, որտեղ բազմակնութիւնը խիստ արգելուած է եւ ամուսնութիւնը սովորաբար լուծւում է միայն մահուան պատճառով, բացի այն դէպքից, երբ ամուսնական անհաւատարմութիւն է տեղի ունենում, կամ մի կողմի ընթացքն անհանդուրժելի է։ Այս երկու պարագաներում սենատը վիրաւորուած ամուսնուն իրաւունք է տալիս կրկին ամուսնանալ․ միւս կողմը դատապարտւում է մշտական ամուրիութեան եւ ժուժկալ կեանքի։ Ոչ մի պատրուակով չի թոյլատրւում ամուսնական անբիծ վարք ունեցող կնոջն հակառակ իր կամքի թողնել այն պատճառով, որ նա մարմնական որեւէ վնասուածք է ստացել։ Ով այս եղանակով լքում է իր կնոջն այն մոմենտին, երբ վերջինս ամէնից աւելի օգնութեան կարիք ունի, այդպիսին մեր կղզեցիների կարծիքով անարգ դաժանութիւն է գործում։ Ծերութեան տարիքում նա խլում է ապագայի ամէն մի յոյս եւ դրժում երդումով տրուած հաւատարմութեան իւրաքանչիւր վստահութիւնը։ Չէ՞ որ տարիքը հիւանդութեան մայրն է, նա ինքն հենց հիւանդութիւն է։ Ուտոպիայում երբեմն պատահում է, որ բնաւորութեան մեծ տարբերութիւնների պատճառով ամուսինները միմիեանց չեն ներդաշնակում եւ նոր կապեր են որոնում, որ նրանց աւելի երջանիկ ու հաճելի կեանք են խոստանում։ Ամուսնալուծութեան դիմումները ներկայացւում են սենատի անդամներին, որոնք իրենց կանանց հետ գործը հանգամանօրէն քննելուց յետոյ, բաժանումը կամ թոյլ են տալիս եւ կամ ամուսնութիւնն անլուծելի յայտարարում։ Առաջին դէպքում երկու կողմերն էլ փոխադարձ համաձայնութեամբ բաժանւում միմեանցից եւ կարող են կրկին ամուսնանալ։ Ամուսնալուծութիւն հազուադէպ է թոյլատրւում․ ուտոպիացիները գիտեն, որ հեշտութեամբ կրկին ամուսնանալու յոյսը չի կարող բաւարար չափով ամրապնդել ամուսնութիւնը։ Ամուսնական հաւատարմութիւնը խախտողները դատապարտւում են ամենախիստ ստրութեան։ Եթէ մեղաւորները երկուսով էլ ամուսնացած են, տուժած ամուսիններից ամէն մէկն իրաւունք ունի թողնել միւսին․ նրանք կարող են ըստ ցանկութեան միմեանց հետ ամուսնանալ եւ կամ նոր ամուսին ընտրել։ Իսկ եթէ վիրաւորուած կողմը, լինի նա այր թէ կին, շարունակում է սիրել իր անհաւատարիմ կէսին, այդ դէպքում ամուսնութիւնը չի լուծւում, սակայն պայմանով, որ նա հետեւի մեղաւոր կողմին այն վայրը, որտեղ նրան աշխատանքի են դատապարտում։ Մէկի զղջումը, իսկ միւսի սիրալիր անձնազոհութիւնը իշխանի մէջ երբեմն կարեկցութիւն են առաջ բերում, եւ վերջինս երկսին էլ ազատութիւն է շնորհում։ Ամուսնական անհաւատարմութեան կրկնութիւնը մահով է պատժւում։ Այլ յանցանքների համար պատիժներ օրէնքով նախատեսնուած<ref>այսպէս է գրուած։ թուայնացնողի նօթ։</ref> չեն․ դրանք սահմանում է սենատը՝ նայած յանցանքի կարեւորութեան։ Այրերը պատժում են իրենց կանանց, հայրերն ու մայրերն իրենց երեխաներին։ Դատարանին դիմում են միայն յատուկ կարեւորութիւն ներկայացնող յանցանքի դէպքում։ Սովորական պատիժը, մինչեւ իսկ ամենամեծ ոճիրների համար՝ ստրկութիւնն է։ Ուտոպիացիները կարծում են, որ ստրկութիւնը յանցաւորի համար պակաս սարսափելի չէ, քան մահը եւ բացի դրանից, դա պետութեան աւելի է օգուտ բերում։ Աշխատող մարդը, ասում են նրանք, դիակից աւելի օգտակար է։ Անդադար պատժի օրինակն աւելի տեւականօրէն է ետ պահում ոճրագործութիւնից, քան թէ օրինական սպանութիւնը, որը մի րոպէում վերացնում է յանցաւորին։ Երբ ստրկութեան դատապարտուածներն ապստամբում են, նրանց սպանում են վայրի գազանների նման, քանի որ շղթաները նրանց համար այլեւս բաւական ծանր չեն։ Սակայն իրենց ճակատագիրը համբերատարութեամբ կրողները լաւագոյն վիճակի յոյսից չեն զրկւում։ Այդ դժբախտների մէջ գտնւում են այնպիսի մարդիկ, որ տառապանքների եւ ժամանակի ընթացքում մեղմանալով, անկեղծ զղջում են յայտաբերում ու ապացուցում, որ յանցագործութիւնն իրենց աւելի է ճնշում, քան պատիժը։ Իշխանի խօսքը կամ ժողովրդի ձայնն այդ դէպքում թեթեւացնում է նրանց պատիժը եւ երբեմն կատարեալ ազատութիւն է շնորհում նրանց։ Օրէնքի խախտման փորձութիւնն իսկ առաջ է բերում նոյն պատիժը, ինչ որ հենց գործողութիւնը։ Ընդհանրապէս քրէական ամէն տեսակ յանցանքի սոսկ դիտաւորութիւնն անգամ նոյն կերպ է հետապնդւում, ինչպէս եւ հենց ոճիրը։ Այն արգելքները, որ խափանում են վատ դիտաւորութեան իրագործումը, երբեք չեն կարող արդարացնել այն, որ յանցագործը չէր կատարի չար միտքը, եթէ դրա համար հնարաւորութիւն ունենար։ Ծաղրածուներն ուտոպիացիներին զուարճութիւն են պատճառում։ Նրանց վիրաւորելը ստորութիւն է համարւում․ բայց միւս կողմից անթոյլատրելի չէ նաեւ ուրիշի յիմարութեան վրայ ուրախանալը։ Ուտոպիացիները, զուարճանալով իրենց ծաղրածուների վրայ, նրանց ցոյց չեն տալիս այն մռայլ թախծոտներին, որոնց մինչեւ իսկ ամենածիծաղելի խօսքերն ու գործողութիւններն ի վիճակի չեն զուարթացնել։ Նրանք վախենում են, որ այդպիսի լուրջ պարոնները առանց հոգացողութեան եւ ուշադրութեան կը վերաբերուեն ծաղրածուին, որը չի կարող նրանց դէմքին մինչեւ իսկ մի ժպիտ առաջացնել, մինչդեռ դա միակ տաղանդն է, որ բնութիւնը պարգեւել է նրան։ Նրանք նոյնպէս ամօթալի են համարում տգեղութիւնն ու մարմնական պակասութիւնները ծաղրելը․ ով հաշմանդամին երեսով է տալիս նրա ֆիզիկական թերութիւնը, որի համար նա մեղաւոր չէ, այդպիսին, որպէս չարամիտ յիմար, արհամարհւում է։ Բնական գեղեցկութեան հանդէպ անփոյթ վերաբերմունքն յդ երկրում դիտում են որպէս աններելի թափթփուածութիւն։ Դէմքի զանազան ներկեր, ինչպէս նաեւ ուրիշ արհեստական միջոցներ գործածելն այնտեղ ամօթալի անպատկառութիւն է համարւում։ Մեր կղզեցիները փորձից գիտեն, որ կինն իր ամուսնու սէրը ոչ այնքան մարմնական առաւելութիւններով է գրաւում, որքան մաքուր բարքի, քաղցրաբարոյութեան եւ յարգանքի արժանիքներով։ Շատերը հրապուրւում են գեղեցկութեամբ, սակայն ոչ ոք իր կնոջ հաւատարիմ չի մնում, եթէ արտաքինի կողքին միաժամանակ ներքին հրապոյր ու առաքինութիւն չի գտնում։ Ուտոպիացիները ձգտում են ոչ միայն պատժական օրէնքներով ետ պահել ոճրագործութիւնից, այլեւ պատիւներով եւ վարձատրութեամբ քաջալերում են առաքինութիւնը։ Հանճարեղ եւ առհաարակ պետութեան փայլուն ծառայութիւններ մատուցող մարդկանց համար նրանք հասարակական հրապարակներում յուշարձաններ են կառուցում։ Այս եղանակով յաւերժացում է մեծ գործերի յիշատակը, եւ նախնիքների հռչակը խրախուսւում է յաջորդ սերունդներին՝ մշտապէս ձգտելու դէպի լաւը։ Ով շատ անհագ կերպով հետամուտ է լինում վարչական կարեւոր պաշտօնի, նա կորցնում է երբեւիցէ առհասարակ որեւէ պաշտօն զբաղեցնելու ամբողջ յոյսը։ Ուտոպիացիները բոլորը միասին ապրում են ինչպէս մի ընտանիք։ Կառավարող անձերը ոչ խիստ են եւ ոչ էլ հպարտ․ նրանց անուանում են հայրրե եւ արդարեւ նրանք կատարում են միայն արդարութիւն ու բարիք։ Նրանք պարզութեամբ ընդունում են այն մեծարանքները, որ արժանացնում են իրենց գործունէութեանը եւ այն էլ առանց որեւէ հարկադրանքի։ Մինչեւ իսկ իշխանը մասայից չի տարբերւում ոչ ծիրանիով եւ ոչ էլ թագով, այլ՝ միմիայն մի փունջ հասկով, որը նա բռնում է ձեռքին։ Քահանայապետի պատուանշանն է մի մեղրամոմ, որը տանում են նրա առաջից։ Ուտոպիայում օրէնքների թիւը շատ քիչ է, բայց եւ այնպէս դրանք բաւական են բոլոր հիմնարկների համար։ Ուտոպիացիներին մասնաւորապէս դուր չի գալիս ուրիշ ժողովուրդների գրաւոր օրէնքների, դեկրետների եւ կոմենտարիաների անվերջ քանակը, որը, չնայած դրան, շատ հեռու է բաւարարելու հասարակական անդորրութեանը։ Նրանք ամենամեծ անարդարութիւնն են համարում մարդկանց երկաթեայ օրէնքներով շղթայելը, որոնք չափազանց շատ են, որպէսզի հնարաւոր լինի կարդալ դրանք եւ երբեմն էլ չափազանց խրթին, որ կարելի լինի հասկանալ։ Այդ պատճառով էլ Ուտոպիայում փաստաբաններ չկան։ Այնտեղ գոյութիւն չունեն ըստ պրոֆեսիայի հռետորներ, որ յատկապէս զբաղւում են օրէնքները շուռ տալով եւ մեծ ճարպկութեամբ մի գործ գլուխ բերելով։ Ուտոպիացիները նախամեծար են համարում, որ իւրաքանչիւրն ինքը պաշտպանի իր գործը եւ անմիջօրէն դատաւորին վստահի այն, ինչ որ մեզ մօտ յանձնարարում են փաստաբանին։ Այս կերպով աւելի քիչ երկմտութիւն եւ խառնաշփոթութիւն է տեղի ունենում ու ճշմարտութիւնն աւելի հեշտ է յայտաբերւում։ Կողմերն իրենց գործը հասարակ ձեւով պատմում են, քանի որ փաստաբաններ չկան, որ կարողանան զանազան երկդիմի ճանապարհներ եւ ինտրիգներ սովորեցնել։ Դատաւորն առողջ դատողութեամբ ու գիտակ կշռադատում է կողմերի հիմքերը․ նա պաշտպանում է ուղիղ մարդու անկեղծութիւնը՝ խաբեբայի կեղծ պնդումների դէմ։ Արդարադատութեան նման եղանակը շատ դժուար կը լինէր կիրառել ուրիշ երկրներում, որտեղ արդարադատութիւնը օրէնքների մի դեզով թաղուած է հակասութիւնների եւ երկդիմութիւնների մէջ։ Ուտոպիայում ի միջի այլոց ամէն ոք «իրաւագիտութեան դոկտոր» է, քանի որ օրէնքների թիւն այնտեղ— ես կրկնում եմ այդ— չափազանց սահմանափակ է, եւ դրանց ամենահասարակ մեկնաբանումը համարւում է ամենից աւելի հիմնաւորն ու արդարը։ Օրէնքները, ասում են ուտոպիացիք, գրուած են բացառապէս նրա համար, որպէսզի ամէն մարդ իմանայ իր իրաւունքներն ու պարտականութիւնները։ Մեր կոմենտարիաների նրբութիւնը միայն շատ քչերին մատչելի կը լինէր եւ կարիք կը զգացուէր այդ կոմենտարիաները գիտուն մասնագէտների օգնութեամբ պարզաբանել․ մինչդեռ այնքան պարզ շարադրուած օրէնքը, որի իմաստը երկդիմի չէ եւ հեշտ ըմբռնելի է, միանգամայն մատչելի կը լինի ամէն մէկին։ Մասսայի, այսինքն հասարակութեան ամէնից աւելի բազմամարդ ու ամէնից աւելի օգնութեան կարիք ունեցող դասակարգի համար միեւնոյն չէ՞, թէ բնաւ օրէնքներ չեն լինի եւ կամ դրանք այնքան նուրբ շարադրուած կը լինեն, որ դրանց իմաստը պարզաբանելու համար կարիք կը լինի երկար հետազօտութեան եւ ուսումնասիրութեան։ Սովորական մարդու դատողութեան ուժը բաւական մետաֆիզիկ չէ, որ կարողանայ թափանցել այդ բոլոր նրբութիւնների մէջ․ բացի այդ, մարդկային մի կեանքը, որը հետամուտ է լինում օրական հացի անընդհատ աշխատանքին, բաւական չէր լինի այդպիսի պարապմունքների համար։ Հարեւան ժողովուրդները նախանձում են այս երջանիկ կղզուն՝ նրա կառավարութեան համար․ ուտոպիական հաստատութիւնների իմաստութիւնը եւ բնակիչների առաքինութիւնը հրապուրում է նրանց։ Ազատ ազգերը, ինչպէս նաեւ նրանք, որ օգտւում են ինքնավարութեամբ (նրանցից շատերին մի ժամանակ ուտոպիացիներն ազատագերլ են բռնակալութիւնից) գալիս են Ուտոպիա, նրանցից մէկ կամ հինգ տարով կառավարողներ խնդրելու համար։ Պաշտօնավարութեան ժամկէտը լրանալուց յետոյ այդ անձնաւորութիւնները բոլոր արժանի պատիւներով վերադառնում են հայրենիք ու նրանց փոխարէն ուրիշներն են ուղարկւում։ Այն ազգերը, որոնք այդպէս են գործում, անշուշտ այդ անում են ելնելով իրենց շահերից։ Չէ՞ որ մի երկրի բարօրութիւնը կամ անկումը կախուած է այն մարդկանց բարքերից, որոնք կառավարում են այդ ժողովուրդը։ Այն ժողովուրդներին, որ ուտոպիացիների միջից ընտրում են իրենց կառավարողներին, մեր կղզեցիները տալիս են քաղաքական գործունէութեանը բանիմաց մարդիկ։ Ուտոպիացին իրեն թոյլ չի տայ հրապուրուել հարստութեամբ, ինչքան էլ այդ փայլուն լինի․ չէ՞ որ շուտով նա ի վիճակի չի լինելու դրանից ամենաչնչին օգուտն իսկ ստանալ, քանի որ մի քանի տարուց կամ ամսից յետոյ պէտք է վերադառնայ իր հայրենիքը․ նա չի կարող նոյնպէս կողմնապահութիւն անել, որովհետեւ բոլորովին չի ճանաչում իր հպատակներին։ Դժբախտ է այն երկիրը, որտեղ դատաւորի աթոռի վրայ իշխում է անհատական շահերի հետապնդումը։ Այդտեղ խօսք անգամ լինել չի կարող արդարութեան՝ պետութեան այդ լաւագոյն յենարանի մասին։ Այն երկրները, որտեղ կառավարում են Ուտոպիայի քաղաքացիները, ուտոպիական հանրապետութիւնը դրանց համարում է իր դաշնակիցները, իսկ նրանց, ովքեր իրեն որեւէ բանով պարտական են՝ իր բարեկամները։ Ինչ վերաբերում է պաշտօնական պայմանագրերին, որ միւս ժողովուրդներն այնքան յաճախ կնքում են իրար հետ միմիայն նրա համար, որպէսզի մի տարի յետոյ խախտեն ու ապա կրկին նորոգեն— ուտոպիացիները երբեք պայմանագրեր չեն կնքում։ Ի՞նչի են պէտք այդպիսի պայմանագրերը,— հարցնում են ուտոպիացիները․— մի՞թէ բնութիւնը մարդկանց ամուր կապերով չի միացրել միմեանց։ Նա, ով խախտում է այդ ուժեղ եւ սրբազան կապերը, մի՞թէ կը տատանուի գրաւոր պայմանագրերը ոտնակոխ անելիս։ Ինչ որ նրանց այդ համոզումն աւելի է ամրապնդում, այն հանգամանքն է, որ Նոր Աշխարհի երկրներում իշխողների միջեւ կնքուած համաձայնութիւնները շատ թոյլ են պահպանւում։ Եւրոպայում եւ մասնաւորապէս քրիստոնեայ երկրներում պայմանագրերի լրջութիւնն ամէն տեղ համարւում է սրբազան եւ անձեռնմխելի։ Այս հանգամանքը հիմնաւորուած է մասամբ միապետի ազնւութեամբ, մասամբ էլ այն վախով ու յարգանքով, որ ներշնչում է նրանց բարձր հոգեւորականութիւնը։ Չէ՞ որ պապերը ոչ մի այնպիսի բան չեն խոստանում, որ կատարել չկարողանան․ եւ այդ պատճառով էլ նրանք միւս միապետներին ստիպում են հաւատարմօրէն կատարել իրենց խոստումները․ ընդ որում, որպէս հարկադրական միջոցներ օգտագործում են եկեղեցական պատիժներն ու բանադրանքը։ Պապերն իրաւացիօրէն մտածում են, որ քրիստոնէութեան համար անպատուաբեր է պայմանագրերի խախտում հանդուրժել նրանց կողմից, ովքեր բոլորի առաջ իրենց «հաւատացեալ» են անուանում։ Մինչդեռ Նոր Աշխարհում, որը մեր աշխարհից տարբերւում է ոչ այնքան հասարակածով, որքանսովորոյթներով ու բարքերով, պայմանագրերին ոչ մի հաւատ չեն ընծայում։ Խաղաղութեան ամենահանդիսաւոր վստահացումներին սովորաբար յաջորդում են արագ խզումներ, թեպէտ պայմանագրերը կնքւում են ամենահանդիսաւոր սրբազան արարողութիւններով։ Չէ՞ որ շատ հեշտ է պայմանագրերի տեքստում էնտրիգի նիւթ գտնել, քանի որ կողմերը պայմանագիր կնքելիս վերջինի մէջ սովորաբար սողոսկեցնում են երկդիմութիւններ, որպէսզի իշխանը ոչնչով կաշկանդուած չլինի եւ միշտ կարողանայ իրեն համար գաղտնի ելք գտնել, որի միջոցով հարմար կը լինի, խուսափել պարտաւորութիւնների կատարումից։ Իսկ մինիստրը, որն իրեն պարծանք է համարում պայմանագիր կնքելիս յօգուտ իր տիրոջ կեղծիք կատարել, եթէ նման խորամանկութիւններ յայտաբերի երկու մասնաւոր մարդկանց միջեւ կնքուած պայմանագրում, այդ միեւնոյն դիւանագէտն իր արդարամտութեան գիտակցութեամբ ճակատը կը կնճռոտէր ու խաբեբայութիւնը կը պատժէր, որպէս կախաղանի արժանի ոճիր։ Այս բոլորից չի՞ կարելի հանգել այն եզրակացութեան, որ արդարութիւնը ստոր եւ անարգ առաքինութիւն է, որի տեղը թագից շատ ցած է։ Այդ դէպքում պէտք է տարբերել երկու տեսակի արդարութիւն․ մէկը՝ նպաստաւոր ժողովրդի համար, ոտագնաց եւ գլխակր, սեղմուած բազմաթիւ կապանքներով ու փակուած անելանելի նեղ շղթաներում․ իսկ միւսը՝ թագաւորների համար, շատ աւելի վսեմ ու պատկառելի, քան առաջինը, շատ աւելի ազատ, որին չեն արգելում անել այն, ինչ որ ուզում է։ Ես հակուած եմ մտածելու, որ մեզանից հեռու այդ վայրերում իշխանների անհաւատարմութիւնն է գլխաւոր պատճառը, որ ուտոպիացիները դիւանագիտական ոչ մի յարաբերութիւն չեն սկսում։ Սակայն ուտոպիացիները դիւանագիտական ոչ մի յարաբերութիւն չեն սկսում։ Սակայն ուտոպիացիները պայմանագրեր կնքելն ընդհանրապէս չարիք են համարում մինչեւ իսկ այն դէպքում, երբ այդպիսիները բարեխիղճ կերպով կատարւում են։ Եւրոպայում թերեւս նրանց տեսակէտները փոխուեցին։ Այդ սովորոյթը հասցնում է այնտեղ, որ մարդիկ վարժւում են միմեանց փոխադարձ թշնամիներ համարել եւ պէտք է իրար ոչնչացնեն, եթէ նրանց միջեւ յատուկ պայմանագիր չկայ․ կարծես թէ երկու ազգերի միջեւ այլեւս արդեն գոյութիւն չունի ոչ մի բնական կապ, հենց որ մի սար կամ անտառ նրանց բաժանում է։ Թէ որ դաշնադրութիւններն ապահովէին դաշնակիցների բարեկամութիւնը, բայց չէ՞ որ պայմանագրերը երբեք չեն հեռացնում խզման, հետեւապէս եւ կողոպուտի ու պատերազմի առիթը, քանի որ դիւանագէտներն անխորհուրդ կերպով պայմանագրի զանազան կէտեր են սահմանում։ Հազուադէպ է, որ նրանք միանգամայն ուղիղ ու պարզ արտայայտուեն։ Ուտոպիացիներն սկզբունքով միայն նրան են թշնամի համարում, ով մեղաւոր է ճանաչւում անարդարութեան եւ բռնութեան մէջ։ Մէկ եւ միեւնոյն բնութեան ընդհանրութիւնը նրանք աւելի ամուր կապ են համարում, քան աշխարհի բոլոր պայմանագրերը։ Մարդը, ասում են նրանք, իր եղբայրների հետ աւելի սերտ է կապուած սրտով ու մարդասիրութեամբ, քան ամէն տեսակի խօսքերով ու ֆորմուլներով։ ===Ռազմական գործի մասին=== Ուտոպիացիների համար պատերազմը մի սարսափ է․ այդ նրանք համարում են անասնական կոպտութեան մնացորդ, որին սակայն մարդն աւելի կողմնակից է երեւում, քան վայրի գազանների որեւէ մի տեսակը։ Հակառակ համարեայ միւս բոլոր ազգերի բարքերին, Ուտոպիայում ամենախայտառակ գործն է համարւում ռազմադաշտերի դափնիներին ձգտելը։ Սակայն չպէտք է մտածել, թէ ուտոպիացիներն այդ պատճառով աշխուժ կերպով չեն վարժւում ռազմական դիսցիպլինայի․ մինչեւ իսկ կանայք էլ՝ տղամարդկանց համահաւասար, ենթակայ են դրան։ Վարժութիւնների համար սահմանուած են որոշ օրեր, որպէսզի վճռական րոպէին ոչ ոք կռուի համար անպատրաստ չլինի։ Բայց ուտոպիացիներն առանց ծանրակշիռ շարժառիթների երբեք պատերազմ չեն ձեռնարկում։ Նրանք այդ պատճառների թուին են դասում իրենց եւ դաշնակիցների սահմանները յարձակումներից պաշտպանելը, ինչպէս եւ հարեւան ժողովրդին ազատագրելը՝ բռնապետութիւնից ու բռնակալի լծից։ Այդ անելիս նրանք բոլորովին նկատի չեն առնում իրենց սեփական շահերը, այլ աչքի առաջ ունեն միայն մարդկութեան բարօրութիւնը։ Ուտոպիայի պետութիւնն իր բարեկամին օգնութեան է շտապում առանց որեւէ պայմանի ու խոստումների եւ այն էլ ոչ միայն թշնամական յարձակման դէպքում, այլ երբեմն էլ վրէժ լուծելու ու բաւարարութիւն պահանջելու համար։ Սակայն պետութիւնն այդ կերպ վարւում է միայն այն ժամանակ, երբ նախքան պատերազմ յայտարարելը իր հետ խորհրդակցում են։ Վերջին դէպքում գործի էութիւնը լրջօրէն հետազօտւում է եւ, եթէ մեղաւոր կողմը չի ցանկանում հատուցել պատճառած վնասները, այն ժամանակ նրան համարում են պատերազմի հեղինակ եւ նրա բոլոր հետեւանքների պատասխանատու։ Ուտոպիացիներն այդպիսի անդրդելի որոշում ընդունում են ամէն անգամ, երբ կողոպուտի նպատակով զինուած յարձակում է կատարւում։ Նրանց զայրոյթն առանձնապէս գրգռւում է, երբ բարեկամ ազգերի վաճառականութիւնն օտարութեան մէջ յանուն ոչ ճիշտ օրէնքների եւ կամ դրանց սխալ մեկնաբանութեան, անարդարացի նեղութիւններ են կրում։ Այդպէս էպ այն պատերազմի առիթը, որը նրանք ներկայ սերնդից ոչ շատ ժամանակ առաջ յայտարարեցին ալաոպոլիտների դէմ՝ յօգուտ նեֆելոգետների<ref>Ալաոպոլիտներ նշանակում է «գոյութիւն չունեցող տեղերի ժողովուրդ», նեֆելոգետներ— մշուշից ծնուածներ։ Մորը հաւանաբար նկատի ունի անգլիացիներին։</ref>։ Ըստ նեֆելոգետների հաւաստիացումներին, ալաոպոլիտներն արդարադատութեան պատրուակով նրանց մի քանի վաճառականներին նշանակալի վնասներ պատճառեցին։ Այդ բողոքն իրաւացի էր թէ ոչ, բայց նա սարսափելի պատերազմի առիթ հանդիսացաւ։ Երկու գլխաւոր թշնամիների ատելութեանը եւ ուժին միացան հարեւան ժողովրդների<ref>Այսպէս է գրուած։ Թուայնացնողի նօթ։</ref> շահերն ու միջամտութիւնը։ Զօրաւոր ազգերը ցնցուեցին, միւսները ջարդուեցին։ Չարիքների այս տխուր շղթան վերջացաւ ալաոպոլիտների կատարեալ պարտութեամբ ու նուաճումով, ուտւպիացիները (նկատի առնելով, որ պատերազմն իրենց չէր վերաբերում) ալաոպոլիտներին ենթարկեցին նեֆելոգետների տիրապետութեան։ Սակայն եւ այնպէս, վերջինները շատ հեռու էին ալաոպոլիտների ծաղկեալ դրութեանը հասնելուց։ Մեր կղզեցիներն այս կերպով են հետապնդում իրենց բարեկամներին պատճառուած անարդարութիւնը, եթէ գործը մինչեւ իսկ միայն փողին էլ վերաբերի։ Նրանք շատ աւելի քիչ եռանդ են ցուցաբերում իրենց սեփական շահերի համար։ Եթէ պատահի, որ ուտոպիացի վաճառականը խաբեբայութեան զոհ դառնայ կամ կողոպտուի, այդ դէպքում, եթէ անձի վրայ բռնութիւն բոլորովին չի գործադրուած, նրանք միայն դադարեցնում են ամէն մի յարաբերութիւն այդ ժողովրդի հետ, մինչեւ վերջինիս գոհացում տալը։ Դրա պատճառն այն չէ, որ դաշնակիցների շահերը նրանց համար աւելի թանգ են, քան իրենց սեփական քաղաքացիների շահերը։ Դաշնակիցների կրած նիւթական վնասը նրանց աւելի է վրդովում, քանի որ օտար վաճառականը նման դէպքերում կորցնում է իր անհատական կարողութեան մի մասը, որ նրա համար աւելի մեծ դժբախտութիւն է։ Մինչդեռ ուտոպիացին կորցնում է հասարակական հարստութեան մի մասը միայն, աւելի ճիշտ իր երկրի աւելցուկի մի մասը, քանի որ արտահանումը միայն այդ պայմանով է թոյլատրւում։ Հենց այդ է պատճառը, որ Ուտոպիայում փողի կորուստը շատ քիչ է վերաբերում առանձին անհատին։ Դրա համար էլ նրանք իրաւմամբ շատ դաժան են համարում բազմաթիւ մարդկանց կեանքին եւ ոչ էլ բարօրութեանը։ Ի միջի այլոց, եթէ պատահի, որ մի ուտոպիացի անարդարացի պահանջների ենթարկուի կամ սպանուի, լինի դա հասարակական նախաձեռնութեամբ, թէ անհատական, այդ դէպքում պետութիւնը լիազօրում է իր դեսպանին հետազօտել գործի հանգամանքները։ Նա պահանջում յանձնել մեղաւորներին եւ մերժման դէպքում անյապաղ պատերազմ է յայտարարում։ Իսկ հակառակ պարագայում ոճիրի հեղինակները մահուան կամ ստրկութեան են դատապարտւում։ Ուտոպիացիները ոչ մի բանի վրայ այնքան չեն ողբում, որքան արիւնոտ պատերազմի դափնիների վրայ։ Նրանք մինչեւ իսկ ամաչում են դրանից, քանի որ անհեթեթութիւն են համարում մարդկային արեան գնով մինչեւ իսկ ամենափայլուն յաջողութիւններ ձեռք բերել։ Նրանք մեծագոյն արժանիք են համարում թշնամուն ճարպկութեամբ ու խորամանկութեամբ շրջանցելը։ Այդպիսի դէպքերում նրանք կազմակերպում են յաղթական ցնծութիւն եւ կանգնեցնում են յուշարձաններ՝ ճիշտ այնպէս, ինչպէս այդ անում են հերոսական գործեր կատարելուց յետոյ։ Նրանք մարդկային ու հերոսավայել վարմունք են համարում, երբ յաղթանակը ձեռք է բերւում բացառապէս շնորհիւ իրենց խելացիութեան, որին բոլոր կենդանի էակներից միայն մարդն է ի վիճակի հասնել։ Առիւծն, ասում են նրանք, արջը, վարազը, գայլը, շունը եւ միւս գիշատիչ գազանները կռուի մէջ կարող են օգտագործել միայն ֆիզիկական ուժը։ Նրանց մեծամասնութիւնը մեզ գերազանցում է ուժով եւ յանդգնութեամբ։ Սակայն այնուամենայնիւ նրանք ստիպուած են հպատակուել մեր բանականութեան եւ գիտելիքների կարողութեանը։ Ուտոպիացիները երբ պատերազմ են սկսում, դրանով հետապնդում են մի միակ նպատակ․ ձեռք բերել այն ինչ որ հակադրել է նրանց պատերազմ յայտարարելու․ եթէ զոհացումն անկարելի է, այդ դէպքում նրանք պատերազմը հրահրողներից այնպէս են վրէժ լուծում, որ հետագայում ուրիշներին հրապուրիչ չլինի ձեռնարկել նման արկածների։ Այս է ուտոպիացիների նպատակը՝ իրենց ծրագրերն իրականացնելիս, մի նպատակ, որին նրանք ձգտում են հնարաւորութեան չափ շուտ հասնել, ընդ որում աւելի սիրով խուսափում են վտանգից, քան թէ սին փառքի ետեւից ընկնում։ Պատերազմ յայտաբերելուց անմիջապէս յետոյ, նրանք հոգ են տանում, հենց նոյն օրը գաղտնի կերպով թշնամու երկրի աչքի ընկնող տեղերում պետական կնիքով կնքուած յայտարարութիւններ կպցնել։ Այդ յայտարարութիւններով նրանք շլացուցիչ վարձատրութիւն են խոստանում իշխանին սպանողին։ Աւելի պակաս— սակայն այնուամենայնիւ բաւական խոշոր— վարձատրութիւն էլ խոստանում են մի շարք մարդկանց գլուխների համար, որոնց անունները գրուած է մահուան այդ դատավճիռի մէջ։ Այսպիսով, ուտոպիացիները գնահատում են խորհրդականների եւ մինիստրների գլուխները, որոնք իշխանից յետոյ վէճի գլխաւոր հրահրողներն են։ Սպանողին խոստացուած վարձը կրկնապատկւում է, եթէ մահուան դատապարտուածին կենդանի են յանձնում։ Մինչեւ իսկ նրանց, որոնց գլուխներն արդեն գնահատուած են, նման վարձով եւ պատժից ազատելու խոստումով կոչ են անում մատնել իրենց մեղսակիցներին։ Այս միջոցառումները հակառակորդ կողմի պարագլուխների միջեւ շուտով առաջացնում է փոխադարձ անվստահութիւն։ Նրանց միջեւ այլեւս չի տիրում ոչ փոխադարձ վստահութիւն եւ ոչ էլ համաձայնութիւն։ Մէկը վախենում է միւսից՝ եւ այդ երկիւղը երբեք անհիմն չէ։ Հազուադէպ չէ, որ յաճախ շատերը, եւ դրանց մէջ մասնաւորապէս ինքը՝ իշխանը, մատնւում են հենց այն անձնաւորութիւնների կողմից, որոնց վրայ ամենամեծ յոյսն են դրած լինում։ Այդքան մեծ է փողի զօրութիւնը՝ ոճրագործութեան հանդէպ։ Ուտոպիացիները նման պարագաներում երբեք չեն խնայում փողը։ Նրանք ամենաերախտապարտ առատաձեռնութեամբ վարձատրում են նրան, ով հրապուրւում է դաւաճանութեան բոլոր վտանգներով։ Նրանք ոսկով են վարձատրում նրան՝ մեծ վտանգի համար։ Այդ նպատակով նրանք դաւաճաններին ոչ միայն հսկայական գումար են խոստանում, այլեւ մշտական եկամուտ ունեցող ընդարձակ կալուածներ, որ գտնւում են իրենց դաշնակիցների երկրներում։ Ուտոպիացիներն իրենց խոստումները կատարում են հաւատարմօրէն։ Թշնամիների գլուխները գնահատելու միջոցով նրանց իսկ դէմ կռուելու այդ սովորոյթն ուրիշ ամէն տեղ պախարակւում է իբրեւ խիստ վախկոտութիւն՝ յատուկ այլասերուած հոգիների։ Ուտոպիացիները սակայն փառաբանում են այդ, որպէս խելացիութեան յատուկ միջոցառում, որն առանց կռուի վճռում է ամենասարսափելի պատերազմները։ Նրանք հպարտանում են դրանով, որպէս քաջագործութիւն, մարդասիրութիւն եւ ողորմածութիւն․ որովհետեւ այդ դէպքում մի քանի մեղաւորների մահով խնայւում է կեանքը հազարաւոր անմեղների, որոնք այլապէս պէտք է մեռնէին ճակատամարտի դաշտում։ Էականն այն է, որ ուտոպիացիներն ափսոսում են ոչ միայն իրենց, այլեւ օտար զինուորներին։ Նրանք գիտեն, որ զինուորը իր սեփական ցանկութեամբ չէ որ պատերազմի է դուրս գալիս, այլ այդ բանին հարկադրում են նրան արիւնարբու առաջնորդները։ Եթէ վերոյիշեալ միջոցառումները նպատակին չեն հասնում, այն ժամանակ մեր կղզեցիները թշնամու երկրում անմիաբանութեան ու երկպառակութեան սերմեր են ցանում։ Իշխանի եղբորը կամ մի այլ ազնուական անձնաւորութեան նրանք գահը բարձրանալու օգնութիւն են առաջարկում։ Երբ ներքին անհաշտութիւնները նպատակին չեն հասնում, այն ժամանակ փորձում են հարեւան ժողովրդներին ապստամբեցնել թշնամու դէմ եւ այդպիսով նրանց էլ որեւէ պատրուակով, որը շատ հեշտ է գտնել, քաշում են կռուի մէջ։ Ուտոպիացիները միաժամանակ այդ նոր դաշնակցին օգնութիւն են խոստանում, գաղտնի փող են մատակարարում նրան, աւելացնում են նրա ուժերը, բայց այնուամենայնիւ խնայում են իրենց քաղաքացիներին։ Ուտոպիայում քաղաքացիներն ամենաարժէքաւոր եւ ամէնից թանկագին գանձն են։ Ակնածելի յարգանքը, որը կղզու բնակիչները տածում են միմեանց հանդէպ, այնքան մեծ է, որ նրանք միայն դժկամակութեամբ կհամաձայնուեն իրենցից մէկին փոխանակել թշնամի իշխանի հետ։ Նրանք առանց ափսոսանքի շռայլում են ոսկին, որովհետեւ այն գործադրում են ամենաստոր նպատակների համար, որոնց մասին ես արդեն յիշատակեցի։ Նրանցից ոչ ոք չի զրկուի դիւրակեաց կեանքից, եթէ նրանք մինչեւ իսկ հարկադրուեն ծախսել վերջին գրոշը։ Չհաշուած կղզու հարստութիւնները, նրանք, ինչպէս ես արդեն ասացի, պարտատէր են բազմաթիւ պետութիւններում, որ նրանց խոշոր գումարներ պարտք ունեն։ Այդ դրամի մի մասով նրանք հաւաքագրում են վարձկան զինուորներ, գլխաւորապէս ցապոլետների<ref>Ցապոլետներ (zapoletes) — այս անուան տակ Մորն անկասկած նկատի ունի շուեցարացիներին, որոնք այդ շրջանին որպէս վարձկան զինուորներ իրենց ծառայութիւններն առաջարկում էին այն պետութեան, որ ամէնից շատ էր վարձատրում։</ref> երկրից, որը գտնւում է Ուտոպիայից դէպք արեւելք հինգ հարիւր հազար քայլ հեռաւորութեան վրայ։ Ցոպոլետները՝ բարբարոս, կոշտ ու վայրենի մի ժողովուրդ, ապրում են միայն անտառներում եւ ժայռերի մէջ, որտեղ նրանք ծնւում ու մեծանում են։ Նրանք բրտացած են եւ համբերութեամբ տանում են ցուրտը, շոգն ու այլ զրկանքներ։ Փարթամ կեանքը նրանց անծանօթ է, նրանք արհամարհում են հողագործութիւնը, չեն իմանում ոչ վայելուչ ապրել եւ ոչ էլ տանելի հագնուել։ Նրանց սննդի միակ միջոցն անասնապահութիւնն է, իսկ եկամտի գլխաւոր աղբիւրը՝ որսն ու կողոպուտը։ Ծնուած լինելով միմիայն պատերազմի համար, ցապոլետները որոնում են եւ ագահութեամբ ձեռք մեկնում իւրաքանչիւր առիթի, որը նրանց ջարդելու հնարաւորութիւն է տալիս։ Նրանք հազարներով ցած են իջնում իրենց լեռներից եւ չնչին գնով իրենց ծառայութիւնը վաճառում են իրենց կարիքն ունեցող առաջին հանդիպած պետութեան։ Միակ արհեստը, որ նրանք գիտեն՝ սպանութիւնն է եւ նրանք կոտորում են քաջաբար ու անկաշառելի հաւատարմութեամբ յօգուտ նրանց, որոնց վաճառել են իրենց։ Ցապոլետները երբեք որոշ ժամանակով չեն կապւում, այլ միշտ միայն այն պայմանով, որ յաջորդ օրն իսկ անցնեն թշնամու կողմը, եթէ նա աւելի է առաջարկում ու ապա կրկին վերադառնում են այն դրօշի տակ, հենց որ այնտեղ վարձի մի թեթեւ բարձրացում են ստանում։ Այդ երկրներում հազուադէպ է տեղի ունենում մի պատերազմ, որի ժամանակ երկու կողմից ցապոլետներ չկռուեն։ Այսպիսով, ամէն օր կարելի կը լինի տեսնել շատ մօտ ազգականներ, բարեկամներ, որոնք ծառայելով մի բանակում միմեանց հանդէպ ցուցաբերում են քնքոյշ սէր, բայց յետոյ խիստ կատաղութեամբ կռւում են միմեանց դէմ, հենց որ դիպուածը նրանց բաժանում է ու երկու թշնամու բանակների շարքերը բերում։ Նրանք մոռանում են ընտանիքի եւ բարեկամութեան կապերի մասին։ Նրանք միմեանց սպանում են սարսափելի կատաղութեամբ եւ միայն այն պատճառով, որ երկու թշնամի թագաւորներ այդ արիւնի ու կատաղութեան համար նրանց մի քանի չնչին դրամով վարձատրում են։ Փողի տենչը նրանց մօտ այնքան ուժեղ է, որ բաւական է օրական վարձի վրայ մի գրոշի աւելացում, որպէսզի նրանք փոխեն իրենց դրօշը։ Այդ կիրքը ցապոլետների մէջ անսանձ ընչասիրութեան է այլասերուել, որը նրանց այնուամենայնիւ ոչ մի օգուտ չի բերում, քանի որ ցապոլետը, ինչ որ իր արեան գնով վաստակում է, նա այնտեղ էլ վատնում է ամենաստոր շռայլութիւնների մէջ։ Այդ ժողովուրդն ուտոպիացիների համար պատրաստ է կռիւ մղել ամբողջ աշխարհի դէմ, որովհետեւ նա ուրիշ ոչ մի տեղ աւելի լաւ վարձատրութիւն չի ստանում։ Միւս կողմից, իրենք՝ ուտոպիացիները, որ միշտ պատրաստ են ընդունել քաջ մարդկանց՝ նրանց ծառայութիւններն օգտագործելու համար, ուրախութեամբ հաւաքագրում են այդ ռազմասէրներին՝ ցանկանալով ոչնչացնել այդ ցեղը։ Դրա համար էլ, երբ նրանք ցապոլետների կարիք են ունենում, աշխատում են փայլուն խոստումներով հրապուրել նրանց եւ դնել ամենավտանգաւոր պոստերում։ Ցապոլետների մեծագոյն մասն սպանւում է եւ հետեւապէս երբեք ետ չի գալիս՝ խոստացուածը պահանջելու համար։ Կենդանի մնացածները սակայն ճշտօրէն ստանում են որոշուած գինը եւ խոստումն յարգելու տեսակէտից այս խիստ ճշտապահութիւնը քաջալերում է նրանց՝ հետագայ դէպքերում էլ նոյնքան խիզախութեամբ արհամարհել վտանգը։ Ուտոպիացիներին շատ քիչ է մտահոգում այն հանգամանքը, թէ ո՛րքան այդպիսի վարձկան զինուորներ են կորցնում։ Նրանք համոզուած են, որ մարդկութեան մեծ ծառայութիւն կը մատուցեն, եթ կարողանան աշխարհը երբեւիցէ մաքրել այդ անպատիւ աւազակների ցեղից։ Բացի ցապոլետներից, ուտոպիացիները պատերազմի ժամանակ օգտագործում են նաեւ այն երկրների զօրքերը, որոնք գտնւում են իրենց պաշտպանութեան տակ, ապա օժանդակ զօրքեր վերցնում են նաեւ իրենց դաշնակիցներից, իսկ ամէնից վերջն ուղարկում են սեփական քաղաքացիներին, որոնցից նրանք ընտրում մի տաղանդաւոր եւ խիզախ առաջնորդ։ Զինուորական այդ պետին ենթարկւում են երկու օգնականներ, որոնք ամենափոքր իսկ իշխանութիւն չունեն, ինչքան որ պետն ի վիճակի է հրամանատարութիւնը վարելու։ Բայց առաջնորդի մահուան կամ գերի ընկնելու դէպքում, նրան անմիջապէս փոխարինում է օգնականներից մէկը, իսկ վերջինիս էլ, ըստ անհրաժեշտութեան, միւսը։ Այս կերպով, զօրապետի կեանքի անձնական վտանգը, որը միւս ամէն մէկի նման ենթակայ է պատերազմի բոլոր պատահարներին, երբեք չի անդրադառնում զօրքի վրայ։ Իւրաքանչիւր քաղաք զօրքը հաւաքագրում է կամաւորներից ու վարժեցնում է նրանց։ Ոչ ոքի, հակառակ իր կամքի, չեն ստիպում մասնակցել հեռաւոր արշաւանքների այն հասարակ պատճառով, որ երկչոտ զինուորը կարող է իր վախկոտութեամբ վարակել նաեւ ընկերներին։ Բայց եւ այնպէս թշնամական յարձակումների դէպքում կամ ներքին կռիւների ժամանակ օգտագործում են բոլոր առողջ վախկոտներին, ընդ որում նրանց տեղաւորում են փորձուած զինուորների մէջ՝ ռազմական նաւերում կամ բերդերի պահակախմբերում։ Այդտեղ փախուտի մասին մտքով իսկ չի կարելի անցկացնել, նրանք թշնամու հանդէպ դէմ առ դէմ են եւ ընկերներն հետեւում են։ Վտանգաւոր դիրքը բթացնում է սարսափը, ու գագաթնակէտին հասած վտանգը յաճախ վախկոտին դարձնում է իսկական առիւծ։ Եթէ օրէնքը ոչ ոքի չի ստիպում հակառակ իր ցանկութեան երկրի սահմաններից դուրս գալ, ապա դրա հակառակ, նա թոյլատրում է կանանց՝ բանակում ընկերանալ իրենց ամուսիններին։ Փոխանակ արգելքներ դնելու, նրանք դրդում են կանանց անել այդ, եւ նման քայլը մեծ պատիւ է բերում նրանց։ Կռուի ժամանակ ամուսինները միեւնոյն պոստի վրայ են դրւում՝ շրջապատուած երեխաներով եւ մօտ ազգականներով, որ բնականօրէն միմեանց օգնելու ու պաշտպանելու հակումն ունեն։ Ամօթ է սպասում այն տղամարդուն, որը վերադառնում է առանց իր կնոջ, այն որդուն, որը կորցրել է հօրը։ Դրա համար էլ, երբ ուտոպիացիները պէտք է յարձակում գործեն, եւ թշնամին կռիւը յամառօրէն դիմադրում է, այդ ժամանակ կռիւը վերածւում է ոչ թէ յանուն կեանքի, այլ՝ մահուան։ Նրանք բոլոր ուժերով ձգտում են, որ իրենք կռուի չմտնեն եւ այդպիսին վերջացնեն վարձկանների օգնութեամբ։ Բայց եթէ արդեն կռուի մէջ են մտնում, այդ ժամանակ նրանց քաջութիւնը ետ չի մնում այն խորամանկութիւնից, որով նրանք, ինչքան հնարաւոր է, աշխատում էին խուսափել կռուից։ Առաջին յարձակման ժամանակ նրանք չեն սպառում իրենց ուժերը։ Դիմադրութիւնն ու կռուի տեւողութիւնը հետզհետէ բարձրացնում է նրանց արիութիւնը, այնպէս որ նրանք աւելի շուտ կը մեռնեն, քան թէ կը նահանջեն։ Նրանց առանձին առնականութիւն է ներշնչում այն վստահութիւնը, որ տանը նրանք այնքան կը գտնեն, որ կը կարողանան հանգիստ ապրել։ Բացի այդ, նրանք կարիք չունեն իրենց ընտանիքի մասին անհանգստանալում։ Այդ անհանգստութիւնն ուրիշ ամէն մի տեղ մինչեւ իսկ լաւագոյն հերոսներին էլ զրկում է հոգեկան հաւասարակշռութիւնից։ Դէպի յաղթանակն ունեցած հաւատը նրանց մէջ մեծանում է ռազմական գործի արտակարգ հմտութեան, ինչպէս եւ գլխաւորաբար այն հրաշալի դաստիարակութեան շնորհիւ, որ նրանք ամենավաղ մանկութիւնից ստանում են պետութեան դպրոցում եւ ուսումնական հիմնարկներում։ Նրանք վաղ տարիքում սովորում են կեանքը ոչ այնքան արհամարհել, որպէսզի անխոհեմ կերպով ռիսկի ենթարկեն այն, բայց եւ ոչ այնքան էլ սիրել, որպէսզի անամօթաբար խնայեն, երբ պատիւը պահանջում է զոհել անձը։ Կռուի ամենատաք միջոցին ընտիր տղամարդկանց մի խումբ, որը մահուան երդումն է տուել, մինչեւ ամենավերջին հնարաւորութիւնը հետապնդում է թշնամու զօրապետին։ Վերջինիս նրանք բռնում են կամ խորամանկութեամբ եւ կամ անմիջական բաց կռւում։ Այդ ոչ մեծ ջոկատը, մի երկար սեպ կազմած, ոչ հանգիստ գիտի եւ ոչ էլ դադար։ Այդ խումբն աստիճանաբար ուժեղացւում է թարմ մարդկանցով, որոնք փոխարինում են յոգնած ռազմիկներին․ հազուադէպ է, որ նրանք չհաջողեն սպանել կամ գերի բռնել առաջնորդին, եթէ միայն վերջինս փախուստ տալով չպրծնի։ Ուտոպիացիները յաղթանակից յետոյ երբեք անօգուտ ջարդ չեն կատարում։ Փախչողներին փոխանակ սպանելու, աւելի շուտ գերի են վերցնում ու միաժամանակ առանց ապահովելու կանոնաւոր նահանջը, ոչ ոքի չեն հետապնդում, բացառութեամբ այն դէպքերի, երբ առաջին շարքերն սպանուած են եւ հետապնդումը պայմանաւորում է յաղթանակը։ Նրանք նախամեծար են համարում թողնել, որ թշնամին փախուստ տայ, քան թէ նրա ետեւից ընկնում, քանի որ վերջին դէպքում զինուորը կարող է խառնակել իր շարքերը։ Ուտոպիացիները լաւ են յիշում, որ իրենց փրկութիւնը մէկից աւելի անգամներ պարտական էին նման տակտիկային։ Արդարեւ, թշնամին յաճախ բանակի գլխաւոր ուժը ջախջախելուց յետոյ՝ յաղթանակով արբեցած, հետապնդում է փախչողներին ու դրանով ջլատում իր շարքերը։ Նման դէպքերում մի աննշան ջոկատ կարող է հարմար մոմենտին կռուին բոլորովին այլ ուղղութիւն տալ, այսինքն աննկատելի կերպով յարձակուել թշնամու վրայ, որը՝ վստահ լինելով յաղթանակին, չի նախատեսել ոչ մի պատահականութիւն։ Այսպիսով մի անգամ չէ, որ յաջողուել է թշնամու յաղթանակը վիճելի դարձնել․ պարտուածները խփել են յաղթողներին ու խլել յաղթանակը։ Դժուար է պնդել, թէ արդեօք ուտոպիաիներն աւելի յաջողութեամբ իրե՞նք որոգայթներ կը լարեն, թէ դրանցի կարող են խուսափել։ Այնպէս է թւում, թէ նրանք նախապատրաստւում են փախուստի, մինչդեռ նրանք ճիշտ հակառակն են մտածում․ եթէ իսկապէս փախչելու դիտաւորութիւն ունենային, ապա նրանք կարող էին այդ վարպետօրէն թագցնել։ Եթէ նրանք թէ դիրքի եւ թէ թուական տեսակէտից իրենց շատ թոյլ են զգում, ապա գիշերը՝ խոր լռութիւնով վերցնում են բանակը, կամ պատերազմական այլ խորամանկութեամբ խուսափում են վտանգից։ Երբեմն նրանք օրը֊ցերեկով ետ են քաշւում, սակայն այնպէս կանոնաւոր, որ այդպիսի նահանջի ժամանակ նրանց վրայ յարձակուելը նուազ վտանգաւոր չէ, քան այն դէպքում, երբ նրանք իրենք են ճակատամարտի հրաւիրում։ Առանձին հոգատարութեամբ նրանք իրենց բանակատեղին շրջապատում են լայն ու խոր փոսերով․ փորուած հողը կուտակում են ներսում։ Այս աշխատանքները կատարում են ոչ թէ օրավարձուորները, այլ իրենք՝ զինուորները։ Այդ գործով զբաղւում է ամբողջ բանակը, բացառութեամբ պահակների, որ զէնքը ձեռքին շրջապատում են բանակատեղին՝ մի հաւանական անակնկալ յարձակում ի դերեւ հանելու համար։ Գործաւորների այդպիսի թուով՝ միանգամայն արագ սարքում են ուժեղ ամրութիւններ, որ նշանակալի տարածութիւն են բռնում։ Ուտոպիացիների զէնքերը շատ մասսիւ են եւ միաժամանակ հարմարեցուած են ամէն տեսակի շարժման, այնպէս որ լողանալիս էլ չեն խանգարում զինուորին։ Զինուորական առաջին վարժութիւններից մէկը, որ սովորեցնում են ուտոպիական զինուորին, այն է, որ նա զինուած լողանայ։ Նրանք կռւում են տէգով, որն ուժով եւ ապահով ձեռքով նետում են ինչպէս հեծելազօրը, այնպէս էլ հետեւակները։ Ձեռնամերձ կռւում նրանք սրի փոխարէն խփում են կացիններով, որ անմիջական մահ են պատճառում՝ ուր որ էլ ուղղուած լինի հարուածը։ Ռազմական մեքենաներ պատրաստելու գործում նրանք առանձին սրամտութիւն են ցուցաբերում․ այդ մեքենաների կառուցուածքը գաղտնի է պահւում մինչեւ այն ժամանակ, քանի դեռ պէտք չի լինում դրանք գործադրել։ Ուտոպիացիները վախենում են, որ եթէ դրանց մասին աւելի վաղ իմանան, այն ժամանակ դրանք աւելի շուտ անօգուտ խաղալիքներ կը լինեն, քան թէ իրական ծառայութիւն կը մատուցեն։ Այդ մեքենաների պատրաստման ժամանակ նրանք գլխաւոր ուշադրութիւնը դարձնում են նրանց տեղափոխման հեշտութեան եւ ամէն տեսակի գործածութեան յարմարեցնելու վրայ։ Ուտոպիացիները ժամանակաւոր զինադադարն այնքան բարեխղճօրէն են պահպանում, որ չեն խախտում այն մինչեւ իսկ այն դէպքում, երբ նրանց գրգռում են անել այդ։ Նրանք նուաճած երկրի դաշտերը չեն ամայացնում, հունձը չեն այրում․ մինչեւ իսկ, որքան հնարաւոր է, արգելում են, որ հունձքը զօրքի կողմից չկոխոտուի, քանի որ իրենք երբեւիցէ դրա կարիքը կունենան։ Անզէնի հետ նրանք երբեք անգթաբար չեն վարւում, եթէ միայն նա լրտես չէ։ Անձնատուր եղած քաղաքացիներին նրանք խնայում են ու նուաճուածներին կողոպուտի չեն ենթարկում։ Նրանք սպանում են միայն ամենաերեւելի պետերին, որ վայրերի յանձնումը ձգձգել են․ միւսներին, որ դիմադրութիւն են ցոյց տուել, դատապարտում են ստրկութեան։ Ինչ վերաբերւում է անտարբեր եւ խաղաղ մասսային, այդպիսին ամենափոքր խստութեան իսկ չի ենթարկւում։ Երբ ուտոպիացիներն իմանում են, որ պաշարուածներից ոմանք առաջարկել են անձնատուր լինել, այդպիսիններին նրանք վարձատրում են ստրկութեան դատապարտուածների ունեցուածքի մի մասով, իսկ միւս մասը յատկացւում է դաշնակիցների զօրքին։ Ուտոպիացիներն աւարից իրենց համար ոչինչ չեն վերցնում։ Պատերազմը վերջանալուց յետոյ նրա ծախքերն ընկնում են պարտուածների վրայ եւ ոչ թէ դաշնակիցների վրայ, որոնց օգտին մղուել է կռիւը։ Այս սկզբունքի հիման վրայ, ուտոպիացիները ամէնից առաջ փող են պահանջում, որը նրանք ապագայ մի պատերազմի դէպքում օգտագործում են ծանօթ նպատակների համար․ այնուհետեւ պահանջում են զիջել նշանակալի տարածութեամբ հողամասեր, որոնք պետութեան զգալի եկամուտ են ապահովում։ Պետութիւնն այժմ նման տեսակի անչափելի եկամուտների ունի, որ քիչ֊քիչ հաւաքուել են զանազան առիթներով եւ պետական գանձարանին տարեկան տալիս են եօթ հարիւր հազար ոսկի։ Պետութիւնն այդ կալուածքները քաղաքացիներ է ուղարկում, որ կոչւում են քուեստորներ։ Վերջիններն ապրում են իշխանաբար, ունեն մեծ շքախումբ եւ պետական գանձարանին ուղարկում են դրամական նշանակալի գումարներ։ Ուտոպիացիները երբեմն այդ եկամուտները փոխ են տալիս միեւնոյն երկրի բնակիչներին, քանի դեռ իրենք րա կարիքը չունեն։ Հազուադէպ է, որ նրանք ամբողջ վճարումը միանուագ պահանջեն։ Այդ կալուածների մի մասը տրւում է նրան, ով չի կարող փորձութեան դիմադրել եւ խորհուրդ է տալիս անձնատուր լինել, որի մասին ես արդեն ասացի ձեզ։ Հենց որ մի թագաւոր Ուտոպիայի դէմ զէնք է վերցնում ու շարժւում է կղզու հովանաւորութեան տակ գտնուող մի երկիր նուաճելու նպատակով, ուտոպիացիներն անմիջապէս հաւաքում են սարսափելի բանակ եւ ուղարկում թշնամու երկիրը։ Միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում են կղզեցիները պատերազմ վարում իրենց երկրում եւ այն ժամանակ աշխարհում ոչ մի ուժ չի կարող ստիպել նրանց թոյլ տալ, որ օտար զօրքը ոտք դնի կղզու վրայ։ ===Ուտոպիայի կրօնների մասին=== Ուտոպիայում կրօնները տարբեր են ոչ միայն զանազան գավառներում, այլեւ մինչեւ իսկ ամէն մի առանձին քաղաքի պարիսպների ներսում։ Ոմանք պաշտում են արեւը, ուրիշներ՝ լուսինը կամ որեւէ այլ լուսատում։ Ոմանք, որպէս գերագոյն աստուածութիւն, ընդունում են մարդու յիշատակը, որի հռչակն ու առաքինութիւնը չեն ունեցել իրենց նմանը։ Բնակիչների մեծամասնութիւնը սակայն, որը միաժամանակ ամենախելացի մասն է կազմում, պախարակում է այդ կռապաշտութիւնը եւ հաւատում է մի միակ, յաւիտենական, անհասանելի, անյայտ, անբացատրելի, մարդկային մտքի բոլոր գաղափարներից բարձր մի աստծոյ, որը լցնում է ամբողջ աշխարհն իր ամենազօրութեամբ եւ ոչ թէ իր մարմնական տարածականութեամբ։ Նրանք այդ աստծուն անուանում են հայր, նրան են վերագրում ամէն բանի ծագումը, աճում,ը առաջադիմութիւնները, կերպարանափոխութիւններն ու վախճանը։ Միայն նրան են մատուցում նրանք աստուածային պատիւներ։ Ի միջի այլոց, հակառակ իրենց կրօնական համոզմունքների տարբերութեան, բոլոր ուտոպիացիները համաձայն են այն բանին, որ գոյութիւն ունի մի էակ, որը միաժամանակ համարւում է ե՛ւ Արարիչ, ե՛ւ Նախախնամութիւն։ Այդ էակը համայնական անունով կոչւում է Միտրա։ Տարակարծութիւնների հիմքն այն է, որ Միտրան ոչ բոլորի համար միեւնոյնն է։ Սակայն անկախ այն եղանակից, որ իւրաքանչիւրը պաշտում է իւր աստծուն, բոլորը նրա մէջ պաշտում են բնութեան վեհութիւնն ու ամենազօրութիւնը եւ ժողովրդների ընդհանուր համաձայնութեամբ նրան են վերագրում աշխարհի բոլոր գործերի անսահման տիրապետութիւնը։ Սնոտիապաշտական կարծիքների ամէն մի տարբերութիւն սկսում է հետզհետէ նուազել եւ լուծուել մի միակ կրօնի մէջ, որն աւելի բանական է թւում։ Մինչեւ իսկ հաւանական է, որ այդ ձուլումը կատարուել է անգիտակցաբար, յամենայն դէպս այդ փոփոխութեան չյաջորդեցին դժբախտութիւններ, որ սովորաբար նոր հաւատադարձի ուղեկցողներ են համարւում, եւ որ միշտ ոնենում է հակառակորդներ։ Փոխանակ այս կարգի երեւոյթները պատահականութեան վերագրելու, ուտոպիացիների մեծ մասն իր սնոտիական սարսափով այդ բացատրում է որպէս աստուածային զայրոյթի եւ վրէժի ներգործութիւն, որով աստուածութիւնը հետապնդում է իրենից երես դարձնողներին։ Սակայն, երբ նրանք մեզնից իմացան Քրիստոսի մասին, նրա ուսմունքի, կեանքի, նրա հրաշքների, նրա արտակարգ համբերատարութեան ու տանջանքների, այլեւ այն մասին,թէ ինչպէս փրկչի ինքնակամ թափած արիւնը աւետարանի օրէնքին ենթարկեց աշխարհի գրեթէ բոլոր ժողովրդնեցին,— դուք հազիւ կարող էք պատկերացնել, թէ նրանք այդ յայտաբերումով որքան յափշտակուեցին։ Ո՛վ գիտի, թէ աստուած ծածուկ բոյն չէր դրել նրանց սրտում, կամ կարող է պատահել, որ քրիստոնէական կրօնը իսկապէս որ համապատասխանում է այն իդեալին, որը նրանց մէջ ամենամեծ յարգանքն է վայելում։ Ինչ որ ամէնից աւելի օժանդակեց նրանց այդ նպաստաւոր տպաւորութիւնը ներշնչելուն, իմ կարծիքով առաքեալների համայնական կեանքի մասին մեր պատմածն էր, որպիսի կեանքը Յիսուս Քրիստոս կտակեց նրանց, եւ որը տակաւին այժմ է սովորոյթ է ճշմարիտ եւ կատարեալ քրիստոնեաների համայնքներում։ Ինչ էլ լինի, նրանցից շատերն արտայայտուեցին յօգուտ մեր կրօնի եւ օծուեցին մկրտութեան սրբազան ջրով․ դժբախտաբար, մեր չորսի մէջ (քանի որ մեր երկու ընկերների մահը մեզ այդ թուին հասցրեց) քահանայ չկար։ Այդ պատճառով էլ, թէեւ նրանք իրազեկ էին մեր ուսմունքին, բայց չկարողացան ընդունել սրբազան խորհուրդը, որ մեզ մօտ կարող են միայն քահանաները տալ։ Բայց եւ այնպէս այդ խորհրդի մասին նրանց պատկերացումն այնքան կենդանի է, որ ես յաճախ այն հարցն էի լսում, թէ չի՞ կարող արդեօք նրանց ընտրած քաղաքացիներից մէկը ստանձնել քահանայի դերը։ Մինչեւ իմ մեկնելը նրանք տակաւին ոչ ոքի չէին ընտրել, բայց, ըստ երեւոյթին, հաստատ որոշել էին անել այդ։ Կղզու այն բնակիչները, որ չեն հաւատում քրիստոնէական կրօնին, նրա տարածմանը ոչ մի արգելք չեն յարուցում եւ նորադարձներին ճնշումների չեն ենթարկում։ Նրանցից մէկն իմ ներկայութեամբ ձերբակալուեց, որը հենց նոր միայն մկրտուած, հակառակ մեր նախազգուշացումների, սկսեց քարոզել աւելի շատ կրքով, քան խելացիութեամբ։ Կրքով յափշտակուած, նա չբաւականացաւ նրանով, որ քրիստոնէական կրոնը դասեց առաջին տեղը, այլ եւ սկսեց առաւել այլեւայլութեան անիծել բոլոր միւսները, յարձակուել նրանց ուսմունքի վրայ, այդպիսիները պիղծ անուանել, իսկ ուրիշ աղանդների հետեւորդներին՝ դժոխքի արժանի անխիղճ սրբապիղծեր։ Այս նորադարձն իր երկար ճառից յետոյ մեղադրուեց, ոչ թէ նրա համար, որ յարձակուել էր այս կամ այն աստուածապաշտութեան վրայ, այլ, որովհետեւ ժողովրդի մէջ որոշ գրգռութեան առիթ էր տուել․ նրան դատեցին ու աքսորի դատապարտեցին։ Ուտոպիացիների ամենահին որոշումների թուին է պատկանում արգելքը՝ որեւէ մէկին իր դաւանած կրօնի համար վիրաւորել։ Պետութեան հիմնադրման ժամանակ Ուտոպն իմացել էր, որ իր գալուց առաջ բնիկները կրօնական անվերջ պատերազմներ են մղել։ Բացի այդ, նա նկատել էր, որ երկրի այդ դրութիւնը նշանակալի չափով հեշտացնում է նրա նուաճումը, որովհետեւ թշնամի աղանդները փոխանակ միանալու եւ միասին կռուելու, ամէն մէկն առանձին է կռւում։ Հենց որ նա յաղթեց եւ տէր դարձաւ, շտապեց կրօնի կատարեալ ազատութիւն շնորհել։ Սակայն ի միջի այլոց նա ոչ մի կերպ չարգելեց միսիոներական գործունէութիւնը, որը մեղմութեամբ եւ համեստութեամբ, ապացոյցներով տարածում է իր հաւատը, եւ եթէ քարոզը յաջողութիւն չի գտնում՝ չի ձգտում կոպիտ ուժով ոչնչացնել մի ուրիշ կրօն։ Սակայն անհանդուրժողութիւնը եւ ֆանատիզմը պատժւում են աքսորով կամ ստրկութեամբ։ Երբ Ուտոպը կրօնական ազատութիւն սահմանեց, այդ անելիս նա աչքի առաջ ունէր ոչ միայն խաղաղութեան պահպանումը, որը դեռ նոր էր խանգարուել անվերջ պատերազմներով եւ անհաշտ ատելութեամբ, այլեւ, նրան թւում էր, որ հենց կրօնի շահերն են պահանջում նման միջոցառում։ Նա երբեք չհամարձակուեց կրօնի հարցում որեւէ օրէնք հրատարակել, ի վիճակի չլինելով վճռել, թէ արդեօք ինքը՝ աստուած, չի՞ ներշնչել մարդկանց զանազան հաւատի ուսմունքներ, ապա եւ այն պատճառով, որ ցանկացաւ փորձել աստուածապաշտութեան բազմաթիւ եղանակները։ Ինչ վերաբերում է մէկին մի այլ հաւատի բռնադատելու համար սպառնալիքներ գործադրելուն, այդ նրան որքան դաժան, նոյնքան էլ անմիտ էր թւում։ Նա նախատեսնում<ref>կրկին, հենց այդպէս է գրուած։ թուայնացնողի նօթ։</ref> էր, որ եթէ բոլոր կրօնները, բացի մէկից, կեղծ լինեն, կը գայ ժամանակը, երբ ճշմարտութիւնն ինքը՝ բանականութեան եւ հեզութեան օգնութեամբ, հանդիսաւորապէս կը յայտնուի մոլորութեան խաւարի միջից․ իսկ եթէ, ընդհակառակը, զէնքը ձեռքին կռուեն, այն ժամանակ,— քանի որ յայտն է, որ վատ մարդիկը ամէնից աւելի յամառ կը լինէն— լաւագոյն եւ սրբազան կրօնները կը թաղուեն սնոտիապաշտական նախապաշարումների ծովում, ինչպէս լաւ հունձը՝ տատասկների եւ եւ մացառների մէջ։ Այդ պատճառով էլ, Ուտոպը հաւատքի եւ մտածողութեան կատարեալ ազատութիւն տուեց բոլորին։ Սակայն եւ այնպէս, նա, յանուն բարոյականութեան, խստօրէն պատժում էր նրան, ով իր բնութեան արժանիքն ստորացնում էր այն վարդապետութիւնով, թէ իբր հոգին մեռնում է մարմնի հետ, կամ թէ աշխարհը կառավարւում է առանց որեւէ նախախնամութեան, պատահականութեան մի խաղի միջոցով։ Այդ պատճառով էլ ուտոպիացիները հաւատում են անդրշիրիմային կեանքին, ուր ոճիրը պատժւում է, իսկ առաքինութիւնը՝ վարձատրւում։ Նրանք մարդ անունը չեն տալիս նրան, ով ժխտում է այդ ճշմարտութիւնները եւ իր հոգու վսեմ էութիւնը հաւասար է դասում անասնական մարմնի ստորին դրութեանը։ Միանգամայն իրաւացիօրէն, նրանք նման մարդուն զլանում են քաղաքացու կոչումը՝ համոզուած լինելով, որ նա կը սկսի ոտքերով ցեխը կոխել բարքերն ու հասարակական հաստատութիւնները, եթէ միայն երկիւղը չկասեցնի նրան։ Արդարեւ ո՞վ է տարակուսում, որ այն անձնաւորութիւնը, որի միակ սանձն օրէնքն է, իսկ միակ յոյսը՝ մարմինը, չի սկսի ծաղրել երկրի օրէնքները, հենց որ այդ գոհացնի նրա հակումներն ու եսասիրութիւնը։ Ուտոպիացիները այդ նիւթապաշտներին (մատերիալիստներին) ամենաչնչին պատիւն իսկ չեն ցուցաբերում․ նրանք այդպիսիներին չեն հաւատում ո՛չ հասարակական պաշտօն եւ ոչ էլ մի կարեւոր գործ։ Նմաններին, որպէս ստորին եւ անօգուտ տեսակի էակների, արհամարհում են, սակայն, հաւատարիմ մնալով այն կանոնին, թէ ոչ ոքի հաւատը իր կամքից կախում չունի, նրանք այդպիսիներին ոչ մի պատժի չեն դատապարտում։ Ճիշտ նոյնպէս էլ հաւատը փոխել հարկադրելու համար նրանց վրայ ոչ մի սպառնալիք չեն գործադրում։ Ուտոպիայում կեղծաւորութիւնն արհամարհւում է, իսկ կեղծիքը, որպէս խաբեբայութեան հարազատ քոյր, զզուանքի առարկայ է։ Միակ բանը, որ նմանների հետ կատարում են, այն է, որ նրանց արգելում են իրենց համոզումները հրապարակով արտայայտել, բայց թոյլատրում են խօսել խորհող մարդկանց, մասնաւորապէս քահանաների հետ։ Այդպիսի մարդկանց մինչեւ իսկ հրաւիրում են նման վիճաբանութիւնների, այն յոյսով, որ բանականութեան ձայնի առաջ կը փոխուեն նրանց խելագար տեսակէտները։ Ուտոպիացիների մեծամասնութիւնը դաւանում է մի սիստեմ, որ տրամագծօրէն հակադրւում է մատերիալիզմին, բայց քանի որ նրանց կարծիքները ոչ միայն վնասակար չեն, այլ մինչեւ իսկ համապատասխանում են առողջ ատողութեանը, այդ պատճառով էլ նրա տարածումը չեն արգելում։ Ոմանք ընկնելով միւս ծայրայեղութեան մէջ, անմահ են համարում ոչ միայն մեր, այլ եւ բոլոր կենդանիների հոգին, թէեւ վերջինները թէ՛ ըստ ունակութիւնների եւ թէ՛ ըստ նրանց բաժին ընկած երջանկութեան, ետ են մնում մարդուց։ Բոլոր ուտոպիացիները, բացառութեամբ շատ քչերի, այն համոզման են, որ մարդուն գերեզմանից յետոյ անբացատրելի երջանկութիւն է սպասում։ Այդ պատճառով էլ նրանք սգում են միայն հիւանդների, բայց ոչ երբեք մեռելների վրայ, բացառութեամբ այն դէպքի, երբ մեռնողը կեանքը թողնում է անհանգիստ ու ոչ սիրով։ Մահից վախենալը նրանք վատ նշան են համարում․ նրանց թւում է, որ միայն արտասովոր խղճով անյոյս հոգիները կարող են դողալ յաւիտենականութեան առջեւ, ճիշտ այնպէս, երբ նրանք իրենց պատժի մօտենալը տեսնեն։ Բացի այդ, նրանց կարծիքով, աստուած տհաճութեամբ է իր գիրկն ընդունում այն մարդուն, որն ուրախ սրտով չի արձագանքում իր կոչին, ու մահը դիմաւորում է չուզենալով եւ նրա դէմ կռուելով։ Նման վախճանին ներկայ եղողները մեռնողի հանդէպ սարսափ են զգում․ նրանք տխուր եւ անձայն տանում են դիակը եւ միայն այն ժամանակ են հողին յանձնում, երբ կատարում են հանգուցեալի հանդէպ աստծոյ գթասրտութիւնը ցած բերելու բոլոր աղօթքները։ Դրա հակառակ, ոչ ոք չի մեղադրում այն քաղաքացուն, որը ուրախ եւ լի յոյսով է մեռնում։ Նրա յուղարկաւորութեանն ուղեկցում են ուրախ երգեր, նրա հոգին յանձնում են աստծուն եւ ապա լուրջ, բայց առանց տխրութեան, այրում են նրա մարմինը։ Գերեզմանի վրայ բարձրացւում է մի կոթող, որի վրայ արձանագրում են հանգուցեալի անունն ու ծառայութիւնները։ Թաղումից յետոյ, երբ նրա ընկերները տուն են վերադառնում, զրուցում են հանգուցեալի յատկանիշների ու գործունէութեան մասին․ նրանք աւելի յաճախ եւ ամէնից աւելի հաճոյքով յիշում են նրա փառաւոր վախճանը։ Առաքինի մարդու յիշատակին մատուցուած այդ մեծարանքները՝ կղզեցիների կարծիքով, առաքինութեան խոշոր քաջալերանք է եւ, բացի այդ, մեռածներին շատ հաճելի մեծարանքի պարտք։ Որովհետեւ, ուտոպիացիների մեծ մասի կարծիքով, մեռելները թէեւ անտեսանելի են, սակայն նրանք կենդանի մարդկանց այդ խօսակցութիւններին ներկայ են։ Երանութեան գաղափարի հետ վատ կը ներդաշնակի այն պատկերացումը, եթէ նրանք ազատ չլինեն շարժուել այնտեղ, որտեղ նրանց լաւ է թւում եւ, առանց անարդարացի լինելու, կարող էին նրանց երախտամոռութեան մէջ մեղադրել, եթէ նրանք չցանկանային կրկին տեսնել նրանց, որոնց հետ երկրի վրայ զօդում էին բարեկամութեան եւ փոխադարձ սիրոյ կապերը։ Բայց դա ոչ մի կերպ լինել չի կարող, որովհետեւ սէրն ու բարեկամութիւնը մահից յետոյ փոխանակ հանգելու, ամենայն հաւանականութեամբ, ընտրեալների սրտում միւս բոլոր ազնիւ յատկութիւնների նման, միայն աճել կարող են։ Դրա համաձայն, մեռելները խառնւում են ապրողների շրջանին եւ վկայ են լինում նրանց գործերին ու խօսակցութիւններին։ Նախնիքների ներկայութեան այդ հաւատը ժողովրդին ներշնչում է ամէն տեսակի հնարաւոր ձեռնարկումներ, որովհետեւ այդ հաւատն ապահովում է դրանց զօրաւոր պահապանների օգնութիւնն ու օժանդակութիւնը։ Բացի այդ, հաւատը կանխում է բազմաթիւ ծածուկ չարագործութիւններ։ Ինչ վերաբերում է գուշակութիւններին եւ ապագան քօղազերծ անելու սնոտիապաշտական այլ միջոցներին, որ միւս ժողովրդները շատ յաճախ ապաստանում են, մեր կղզեցիները դրանք չեն ընդունում եւ ծիծաղում են դրանց վրայ։ Նրանք պաշտում են հրաշքները, որ տեղի են ունենում առանց բնութեան օրէնքների ներգործութեան եւ դրանց մէջ տեսնում են աստուածութեան առկայութեան ապացոյցը։ Ուտոպիացիները մինչեւ իսկ հաւաստում են, որ իրենց երկրում մի քանի հրաշքներ են տեղի ունեցել եւ որ հասարակական աղօթքն ու զօրաւոր հաւատքը ստեղծել են հրաշքներ, որոնց միջոցով երկիրն ազատուել է ամենասարսափելի վտանգներից։ Տիեզերքի զննումը եւ արարչին մատուցուած գովքը նրանք համարում են աստուածահաճոյ գործ։ Միեւնոյն ժամանակ, նրանց մէջ քաղաքացիների մի դասակարգ կայ, որը կրօնական համոզումներով արհամարհում է գիտութիւնները, ժխտում ամէն կարգի հետազօտութիւն եւ հրաժարւում է ամէն տեսակի բաւականութիւններից։ Այդ մարդիկ ձգտում են իրենց գործունեայ կեանքով եւ մերձաւորի հանդէպ լաւ յարաբերութեամբ արժանանալ երկնքին։ Ոմանք խնամում են հիւանդներ, ուրիշներ նորոգում են ճանապարհներն ու կամուրջները, մաքրում են ջրանցքները, հարթում գետինը, փողոցները մաքրում են փոշուց եւ քարերից, խուզում են ծառերն ու սայլակներով քաղաք են փոխադրում փայտ, հացահատիկ, միրգ եւ գիւղատնտեսական այլ մթերքներ։ Նրանք ոչ միայն աշխատում են յօգուտ հասարակութեան, այլ մինչեւ իսկ ծառայութեան են մտնում նաեւ մասնաւոր մարդկանց մօտ եւ ստրուկներից աւելի հնազանդ ու եռանդուն են լինում։ Նրանք հոժարակամ եւ սիրով ստանձնում են ամէնից աւելի կեղտոտ, անհաճոյ ու դժուար աշխատանքները, որոնցից սարսափով հրաժարւում է մարդկանց մեծ մասը՝ նկատի ունենալով գործի զզուանքն ու նրա դժուարութիւնները։ Նրանք առանց դադարի նուիրւում են աշխատանքի ու դժուարութեան, որպէսզի ուրիշների համար հանգիստ եւ դիւրակեցիկ կեանք ստեղծեն․ այդ բոլորի համար նրանք ամենափոքր իսկ շնորհակալութիւն չեն պահանջում։ Նրանք ուրիշ մարդկանց կեանքը չեն դատապարտում, եւ իրենց կատարած բարութիւնով չեն պարծենում։ Ինչքան շատ նրանք նսեմացնում են իրենց ու ստորանում մինչեւ ստրուկների աստիճանը, նրանց հանդէպ նոյնքան աւելի է աճում հասարակական յարգանքը։ Անձնազոհ մարդկանց այդ դասակարգը բաժանւում է երկու աղանդի․ մէկը հրաժարւում է ոչ միայն կանանց հետ համակեցութիւնից, այլեւ մսի գործածումից, իսկ ոմանք էլ կենդանական աշխարհի ոչ մի մթերքով չեն սնւում։ Նրանք հրաժարւում են աշխարհիկ բոլոր հաճոյքներից եւ այդպիսիները վտանգաւոր են համարում։ Նրանք միայն ձգտում են, որ աշխատասիրութեամբ ու եռանդով արժանանան ապագայ կեանքի ուրախութիւններին։ Այդ ուրախութիւնները ճաշակելու յոյսը նրանց աշխուժ եւ ուժեղ է դարձնում։ Միւսները, որոնք ոչ պակաս աշխատասէր են, ամուսնանում են՝ հրապուրուելով ամուսնութեան պարտականութիւններով եւ հաճոյքներով։ Նրանք մտածում են, որ ի սէր բնութեան, իրենց եւ հայրենիքի՝ պարտաւոր են երեխաներ ունենալ։ Այդպիսիները բաւականութիւններից չեն խուսափում, ինչքան որ այդ չի կտրում իրենց աշխատանքից։ Նրանք ուտում են չորքոտանի կենդանիների միսը, որպէսզի ամէն տեսակի աշխատանքներին դիմանալու համար աւելի ուժ ստանան։ Ուտոպիացիներն այս վերջին աղանդն աւելի խելացի, իսկ առաջինն՝ աւելի բարեպաշտ են համարում։ Բայց եթէ նրանք, որոնք ամուրիութիւնը նախընտրում են ամուսնութիւնից, աշխատանքը՝ հանգստութիւնից, ուզենան այս կենցաղավարութիւնը հիմնել առողջ բանականութեան վրայ, այն դէպքում ուտոպիացիները կարեկցաբաց կը ծիծաղեն այդ բանի վրայ։ Սակայն ուտոպիացիներն այդ արտասովոր մարդկանց հանդէպ ցուցաբերում են կենդանի հիացմունք ու խոր յարգանք, որվոեհետւ նրանց զոհաբերութեան հիմնական պատճառը կրօնն է, իսկ ուտոպիացին կրօնական հարցերում զգուշանում է որեւէ վճիռ կայացնելուց։ Այս խստաբարոյ աղանդաւորները տեղական լեզուով իրենց անուանում են պութռեսկներ․ այս կոչումը համապատասխանում է վանական հասկացողութեան։ Ուտոպիական քահանաները շատ բարեպաշտ տղամարդիկ են եւ այդ պատճառով էլ նրանց թիւը շատ քիչ է․ իւրաքանչիւր քաղաքում ընդամէնը միայն տասներեք, որ համապատասխանում է եկեղեցիների միեւնոյն թուին։ Պատերազմի դէպքում սակայն բացառութիւն է արւում․ այդ ժամանակ եօթ քահանաներ ուղեկցում են բանակին եւ դրա համար էլ կարիք է լինում եօթ նոր քահանաներ նշանակել։ Իսկակակ քահանաներն արշաւանքից վերադառնալուց յետոյ, նորից ստանձնում են իրենց պաշտօնը։ Օգնականները հերթով յաջորդում են, երբ քահանաները մեռնում են․ իսկ մինչ այդ, նրանք օգնում են քահանայապետին, քանի որ քահանաներից մէկը համարւում է գլխաւորը։ Էնտրիգներից խուսափելու համար, միւս պաշտօնեաների նման, քահանաներին եւս գաղտնի քուէարկութեամբ ընտրում է ժողովուրդը։ Քահանաների կոլեգիան օծում է նորընծային։ Քահանաները նախագահում են կրօնական ժողվոներին, հսկում են կրօններին եւ համարւում են բարքերի դատաւոր։ Անպատւութիւն է համարւում կանչուել քահանայի մօտ՝ նրանից յանդիմանութիւններ ստանալու համար․ վերջինը համարւում է անկարգ կեանքի նշան։ Քահանաները թէեւ իրաւունք ունեն յանդիմանութիւն եւ նախազգուշացում անելու, սակայն մեղաւորին ձերբակալել ու քրէական տեսակէտից նրան հետապնդել կարող են միայն իշխանն ու կառավարութիւնը։ Քահանայի իշխանութիւնը սահմանափակւում է միայն նրանով, որ նա անվայել ընթացք ունեցողին կարող է արգելել սրբազան խորհուրդներին հաղորդակից լինել։ Քիչ պատիժներ գոյութիւն ունեն, որոնցից ուտոպիացիներն աւելի վախենան, քան բանադրանքից․ վերջինս պատուազուրկ է դարձնում, կրօնական հազար ու մի սարսափով վրդովում է եւ մինչեւ իսկ անձի ազատութեան անվտանգութեան երաշխիք չի տալիս։ Եթէ բանադրուածները չեն շտապում անկեղծ զղջումով վստահեցնել քահանային, այն ժամանակ սենատը ձերբակալում է նրանց եւ որպէս անաստուածների դատում։ Մանուկների եւ պատանիների դաստիարակութիւնը յանձնւում է քահանային, որ նրանց գերազանցապէս սովորեցնում է բարոյականութիւն եւ առաքինութիւն, իսկ յետոյ միայն՝ գիտութիւններ։ ՈՒտոպիական ուսոցիչն իր բոլոր ընդունակութիւններն ու փորձը գործադրում է երեխայի դեռեւս քնքոյշ եւ ընդունակ հոգու մէջ պատուաստելու այն լաւ սկզբունքները, որ պետութեան կռուանն են կազմում։ Մանուկը իւրացնելով այդ կանոնները, իր ամբողջ կեանքի ընթացքում հաւատարիմ է մնում դրանց եւ հետագայում պետութեան բարօրութեան յուսալի հենարան է հանդիսանում։ Պետութիւնները քայքայւում են մոլութիւնից, իսկ մոլութիւնը հետեւանք է բարոյականութեան վատ կանոնների։ Քահանաներն ազգաբանակութեան ամենաառաքինի ընտանիքներից են ընտրում իրենց կանանց։ Կանայք նոյնպէս զրկուած չեն քահանայութիւն անելու հնարաւորութիւնից, պայմանով, որ այրի լինեն եւ առաջացած տարիք ունեննան։ Ոչ մի պաշտօն չկայ, որ աւելի մեծ հարգանք վայելի, քան քահանայութիւնը։ Այն մեծարանքները, որոնցով շրջապատում են նրանց, այնքան բարձր են, որ երբ նրանցից որեւէ մէկը մեղանչում է, նրան մինչեւ իսկ պատասխանատւութեան չեն կանչում, այլ թողնում են աստծոյ եւ իր սեփական խղճին։ Ուտոպիացիները թոյլատրելի չեն համարում մահկանացուի ձեռքով շօշափել այն, որ ինչպէս սրբազան զոհ եւ րպէս անձեռնմխելի ու առանձնացած՝ նուիրուած է աստծոյ։ Այս սովորոյթի պահպանումն աւելի է հեշտանում նրանով, որ քահանաների թիւը շատ քիչ է եւ նրանց ընտրութիւնը կատարում են ամենամեծ զգուշութիւնով։ Այդ պատճառով էլ չափազանց հազուադէպ կարող է լինել, որ այն մարդը, որին վստահում են այդպիսի մեծ աստիճան, նկատի չառնելով իր ամբողջ առաքինութիւնն ու արդարամտութիւնը, ինչպէս եւ այն, որ նա լաւերից լաւագոյնն է համարւում, այնուամենայնիւ անձնատուր լինի մոլութեան ու փչացած բարքերի։ Եւ եթէ մինչեւ անգամ այդպիսի դէպք էլ պատահի (քանի որ մարդկային բնութիւնն անյուսալի է), դրանից երբեք պետութեան բարօրութիւնը չի տուժի, քանի որ քահանաների դասակարգն ինքնին շատ մեծ չէ եւ ոչ մի իշխանութեամբ չի օգտւում։ Քահանաների թիւը փոր սահմանելով, ուտոպիացիներն ուզում են պահպանել նրա նշանակութիւնը, որը հեշտութեամբ կարող էր ընկնել, եթէ այդ դասակարգի մէջ շատ անձնաւորութիւններ մտնէին։ Գլխաւոր պատճառը սակայն այն է, որ նրանց դժուար է թւում գտնել իսկապէս առաքինի այդքան մարդիկ, որոնք կատարէն այն ծառայութիւնը, որը պահանջում է աւելի, քան սովորական բարոյականութիւնը։ Ուտոպիական քահանաներն օտար ազգերի կողմից աւելի պակաս չեն գնահատւում։ Այդ ճշմարտութեան պատճառն ու բացատրութիւնը հետեւեալն է․ Կռուի ժամանակ քահանաներն իրենց մի կողմն են պահում, թէեւ ճակատամարտի դաշտից ոչ հեռու․ այնտեղ նրանք պաշտամունքի զգեստներ հագած ծնկաչոք եւ դէպի երկինք բարձրացրած ձեռքերով պաղատում են բարձրեալին ամէնից առաջ հաշտութիւն, ապա՝ իրենց երկրի յաղթանակը, բայց այնպիսի յաղթանակ, որը ոչ մէկ եւ ոչ էլ միւս կողմի համար արիւնոտ չլինի։ Երբ իրենց համաքաղաքացիները յաղթում են, նրանք խոյանում են ճակատամարտի մէջ ու դադարեցնում են արիւնահեղութիւնը։ Դժբախտը, որ տեսնում է նրանց մօտենալը եւ կոչում է նրանց, կենդանի է մնում․ ով շօշափում է նրանց երկար զգեստները, այդպիսին մինչեւ իսկ ունեցուածքից չի զրկւում։ Այդ լաւ սովորոյթը նրանց արժանիքին այնքան մեծութիւն է տալիս, հարեւան ժողովրդի մէջ այնպիսի յարգանք է ներշնչում, որ նրանց միջամտութիւնը յաճախ ուտոպիացիների սեփական բարօրութեան համար աւելի պակաս ծառայութիւն չի մատուցում, քան թշնամի զօրքին։ Արդարեւ, պատահել է, որ ուտոպիական զօրքը, կորցնելով ամէն յոյս՝ նահանջի ու փախուստի է դիմել․ բայց հենց այն մոմենտին, երբ թշնամին պատրաստուել է սպանութեան ու կողոպուտի նպատակով հետապնդել նրանց, քահանաների միջամտութիւնն արգելել է այդ եւ հաշտութիւնը կնքուել է աւելի նպաստաւոր պայմաններով։ Դեռեւս չի եղել այնպիսի բարբարոս ու դաժան ժողովուրդ, որը չյարգեր ուտոպիական քահանաներին, որպէս անձեռնմխելի եւ սրբազան կազմակերպութեան։ Ուտոպիացիներն ամսուայ եւ տարուայ առաջին ու վերջին օրը տօն են կազմակերպում։ Տարին նրանք բաժանում են լուսնի ամիսների եւ այն հաշւում են արեւի պտոյտով։ Առաջին եւ վերջին այդ օրերն ուտոպիական լեզուով կոչւում են ցենիմեռներ եւ տռապեմեռներ, որ մօտաւորապէս նշանակում է սկզբնական եւ եզրափակման տօն։ Ուտոպիայում կարելի է տեսնել ճոխ կառուցուած փառահեղ տաճարներ, որ իրենց մեծութեամբ ի վիճակի են տեղաւորել ժողովրդի մեծ բազմութիւն, ինչ որ՝ տաճարների քչութեան պատճառով, անհրաժեշտ է։ Մինչեւ իսկ օրուայ ամենալուսաւոր ժամանակ տաճարում տիրում է կիսախաւար․ այդպիսի կառուցուածքի պատճառը կառուցողների անգիտութիւնը չէ, այլ արուած է դիտմամբ՝ քահանաների խորհրդով։ Որովհետեւ շատ ուժեղ լոյսը ցրում է մտքերը, մինչդեռ թոյլ լուսաւորութիւնն ամփոփում է եւ աղօթքի համապատասխան տրամադրութիւն է առաջ բերում։ Թեպէտ ուտոպիացիները միեւնոյն կրօնը չեն դաւանում, բայց չնայած դրան, այդ երկրի պաշտամունքի բոլոր ձեւերն իրենց բազմապիսի առանձնայատկութեամբ, տարբեր ճանապարհներով ձգտում են մի միակ նպատակի։ Այդ նպատակը բնութեան աստուածացումն է։ Դրա համար էլ տաճարում չէք լսի ոչ մի այնպիսի բան, որ չհամապատասխանի բոլորի դաւանանքին։ Իւրաքանչիւր ոք իր հաւատի առանձին ծիսակատարութիւնները կատարում է իր ընտանիքի շրջանակում։ Հասարակական֊կրօնական պաշտամունքն այնպէս է կազմակերպուած, որ ոչ մի բանով չի հակասում տնային մասնաւոր աստուածապաշտութեանը։ Տաճարում ոչ մի տեսակ աստուածային նկարներ չկան, որպէսզի իւրաքանչիւրն ազատ լինի աստուածութիւնը պատկերացնել իր հաւատքին համապատասխան ձեւով։ Այնտեղ աստծուն դիմում են միայն Միթրա անունով, որն արտայայտում է ընդհանրապէս աստուածային մեծութիւնը՝ անկախ նրա էութիւնից։ Ուտոպիայում բոլոր աղօթքներն այնպէս են, որ ամէն ոք կարող է կրկնել, առանց իր կրօնական համոզմունքների դէմ մեղանչելու։ Եզրափակման տօների օրերին ժողովուրդը երեկոյեան եւ վաղ առաւօտեան հաւաքւում է տաճարներում։ Այնտեղ շնորհակալ են լինում աստծուն այն բարերարութիւնների համար, որ իրենց երկիրին ցոյց է տուել այդ տարուայ կամ ամսուայ ընթացքում, որը լրանում է այդ օրը։ Միւս օրը, արդեն սկզբնական տօնին, ժողովուրդը վաղ առաւօտից լցւում է տաճարները եւ երջանկութիւն է աղերսում սկսուող տարուայ կամ ամսուայ համար։ Եզրափակման տօների օրերին՝ կանայք, նախքան տաճար գնալը, ծունկ են չոքում իրենց ամուսինների, իսկ երեխաներն՝ իրենց ծնողների առաջ։ Նրանք խոստովանում են իրենց բոլոր սխալներն ու անփութութիւնները եւ ներողութիւն խնդրում։ Ընտանեկան այդ խոստովանութեան, այդ բարեպաշտ բաւարարման միջոցով, իսկոյն ցրւում են ատելութեան ամպերը, որոնք մթագնում էին տնային խաղաղութիւնը, եւ ապա բոլորը կարող են հանգիստ խղճով ու մաքուր հոգով աստուածապաշտութեան գնալ։ Այլ կերպ, ուտոպիացիներն անհանգիստ կը լինէին, եթէ ատելութիւնն ու վրդովմունքը սրտում՝ երեւային տաճարում։ Երբ զայրոյթը կամ խղճի խայթը լցնում է նրանց կուրծքը, նրանք երբեք չեն համարձակւում տաճարում երեւալ, քանի դեռ չեն մեղմել իրենց կիրքն ու չեն մաքրուել դրանցից։ Նրանք վախենում են, որ աստուած այդպիսի մեղքի համար վրէժ կը լուծի։ Տաճարում տղամարդիկ կանգնում են աջ, կանայք՝ ձախ կողմը։ Տեղերը բաշխւում են այնպէս, որ երեխաներն ըստ սեռի նստեն ծնողների առջեւ։ Այդ կարգը սահմանուած է նրա համար, որ ծնողները կարողանան հետեւել երեխաների ընթացքին, որոնց նրանք տանը սովորեցնում եւ դաստիարակում են։ Նրանք հոգ են տանում, որ երեխաները մեծերի միջեւ գտնուեն, միասին չլինեն ու խաղեր չսկսեն ու այդպիսով չկորցնեն այն ժամանակը, որի ընթացքում նրանք պէտք է նուիրուեն կրօնական պաշտամունքին։ Որովհետեւ երկիւղը միայն այդ տարիքում ամէնից աւելի իրական է եւ թերեւս առաքինութեան միակ ճանապարհը։ Ուտոպիացիները պաշտամունքի ժամանակ կենդանիներ չեն զոհում։ Նրանք կարծում են, որ աստծոյ ողորմածութիւնը կենդանիներին կեանք է տուել, որպէսզի նրանք օգտուեն դրանից․ արեան եւ սպանդի տեսքը հաճելի չի լինի։ Ուտոպիացիները տաճարում խունկ եւ ուրիշ բուրաւէտ նիւթեր են ծխում, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ մեղրամոմ են վառում։ Նրանք լաւ գիտեն, որ աստուածութիւնն այդ բաներին պէտք չունի, ինչպէս եւ կարիք չունի մարդկանց աղօթքներին, սակայն, չնայած դրան, նրանք աստծուն սիրով մատուցում են երկրպագութեան այդ տուրքը։ Բացի այդ, հազիւ թէ կարիք լինի ասելու, թէ ինչպէս այդ լոյսերի, բուրաւէտ նիւթերի, արարողութիւնների ազդեցութեան ներքոյ մարդ իրեն սրբազան օրհնութեամբ համակուած է զգում եւ ո՜րսպիսի ջերմեռանդութեամբ անձնատուր է լինում կրօնական պաշտամունքներին։ Տաճարում ժողովուրդը ամբողջովին սպիտակ է հագնում․ քահանան կրում է բազմազան գոյնի մի զգեստ, որը հրաշալի ձեւ ունի եւ հիանալի աշխատանքի արդիւնք է, թէեւ զգեստի նիւթը շատ թանկագին չէ։ Քահանայի վերնազգեստը ոչ ոսկով է հիւսուած եւ ոչ էլ քարերով ծածկուած։ Դա թռչունի փետուրներից մի հիւսուածք է․ փետուրներն այնպիսի մեծ արուեստով ու ճաշակով են դասաւորուած, որ մինչեւ անգամ ամենաթանկագին զարդարանքն իսկ այդ հրաշալի աշխատանքին չի հասնի։ Բացի այդ, թեւերն ու փետուրները, որ սահմանուած կանոնի համաձայն դասաւորուած են քահանայի զգեստի վրայ, կազմում են շատ սիմբոլներ, որոնք իրենց մէջ խորհուրդներ են պարունակում։ Քահանաները խղճմտօրէն մեկնաբանում են այդ խորհրդանշանները, որոնց տեսքն ուտոպիացիներին մշտապէս յիշեցնում է աստծոյ բարերարութեան, երախտագիտութեան մասին, որ պարտական են նրան եւ այն պարտականութիւնների մասին, որ պէտք է նրանք կատարեն միմեանց հանդէպ։ Հենց որ քահանան իր պաշտօնական զգեստով յայտնւում է սրբազան վայրի շեմքում, բոլորը մի այնպիսի երկիւղածութեամբ եւ խոր լռութեամբ ընկնում են գետին, որ այդ տեսարանը հոգին համակում է մի տեսակ դողով, կարծես թէ աստուած յայտնուի տաճարում։ Մի քանի րոպէ յետոյ քահանան մի նշան է տալիս ու ամբողջ բազմութիւնը եվր է կենում։ Ապա հնչում են աստծոյ փառաբանութեան երգեցողութիւնները, որոնց միջեւ եղած ընդմիջումները լցւում են երաժշտական սիմֆոնիաներով։ Ուտոպիայում երաժշտական գործիքները մեծ մասամբ տարբեր են մեզ մօտ եղածներից։ Նրանք աւելի ներդաշնակ են, իսկ մի քանիսը մինչեւ իսկ չեն կարող համեմատուել մեր ունեցածների հետ։ Բայց ինչ որ ուտոպիական գործիքային եւ վոկալ երաժշտութեան անվիճելի առաւելութիւն է տալիս, այն հանգամանքն է, որ նրանք հազուագիւտ կատարելութեամբ հոգեկան բոլոր տրամադրութիւնները պատկերում են ու վերարտադրում։ Ուտոպիացիները տոնն այնքան ճիշտ են ներդաշնակում, նրանք այնքան կենդանի են վերարտադրում աղօթքը, ուրախութիւնն ու կարեկցութիւնը, խռովութիւնը, վիշտն ու զայրոյթը, մի խօսքով նրանց մելոդիայի ձեւն այնպիսի մեծ հարազատութեամբ է արտայայտում ամենախոր զգացմունքները, որ դրանով ունկնդրի հոգին յուզուած, յագեցուած ու բոցավառուած է զգում իրեն։ Աստուածապաշտութեան վերջում ժողովուրդն ու քահանան միասին կարդում են հանդիսաւոր աղօթքներ, որոնց ձեւն այնպէս է սահմանուած, որ իւրաքանչիւրը կարող է ամբողջական բովանդակութիւնը իրեն պատշաճեցնել։ Այս աղօթքներով նրանք աստծուն ընդունում են որպէս աշխարհի արարիչը եւ պահապանը, շնորհակալ են լինում նրան այն բազմաթիւ բարերարութիւնների համար, որ նա ցոյց է տուել իրենց․ մասնաւորապէս շնորհակալութիւն են յայտնում, որ նա յատուկ շնորհով նրանց ծնունդ է տուել մի ամենաերջանիկ պետութեան եւ կրօնի մէջ, որը նրանց ամենաճշմարիտն է թւում։ Եթէ այդ հաւատքը մի մոլորութիւն լինէր, եթէ գոյութիւն ունենար մի աւելի լաւ, յաւիտենականին աւելի հաճելի կառավարութիւն եւ աստուածապաշտութիւն, այն ժամանակ նրանք դրա յայտնագործման համար աստծոյ շնորհը կաղերսէին եւ պատրաստակամութիւն կյայտնէին ամէն բանում հետեւել նրա կամքին։ Իսկ եթէ, ընդհակառակը, ուտոպիական աստուածապաշտութիւնը եւ կառավարութիւնն ամենակատարեալներն են, ապա նրանք խնդրում են աստծուն, որ նա իրենց տոկունութեան ուժ տայ մնացեալ մարդկանց եւս երջանկացնելու միեւնոյն կրօնական ու հասարակական հաստատութիւններով, եթէ միայն նա, ըստ իր անքննելի վճիռների, կրօնների այս մեծ տարբերութիւնների մէջ հաճոյք չի գտնում։ Ի վերջոյ նրանք աստուածային բարեգթութեանն աղերսում են իրենց թեթեւ եւ հանգիստ մահ տալ։ Նրանք չեն համարձակւում Երկնաւորից կեանքի երկարացում կամ կարճացում խնդրել, սակայն, առանց նրան վիրաւորելու վախ ունենալու, ասում են, որ աւելի սիրով ամենատանջալից մահոց կը միանան նրան, քան թէ մինչեւ իսկ ամենաերջանիկ կեանքով երկար ժամանակ զրկուեն նրա հովանաւորութիւնից։ Այս աղօթքից յետոյ— բոլորը նորից ծնկադրում են եւ մի քանի րոպէից վեր կենում, որպէսզի ճաշի գնան․ օրուայ մնացեալ մասը գործադրւում է խաղերի ու զինուորական պարապմունքներին համար։ ——— «Ես փորձեցի— շարունակեց Ռաֆայէլը— ըստ հնարաւորին հարազատ կերպով նկարագրել ձեզ այդ պետութեան կառուցուածքը, որ ես ոչ միայն ամենալաւն եմ համարում, այլ եւ միակը, որ իրաւամբ կարող է կոչուել ազատ պետութիւն։ Ամէն տեղ էլ կան մարդիկ, որոնք խօսելով ընդհանուրի բարօրութեան մասին, աչքի առաջ ունեն միայն իրենց անձնական շահը․ մինչդեռ այնտեղ, որտեղ ոչ ոք ոչ մի բանի սեփականատէր չէ, բոլորը լրջօրէն զբաղում են հասարակական գործերով, որովհետեւ մասնաւոր շահն իսկապէս միահիւսւում է հասարակական բարօրութեան հետ։ Ուրիշ երկրներում ո՞վ չի իմանում, որ անտես առնելով իր սեփական շահերը, նա քաղցից կը մեռնի, թէկուզ պետութիւնն ինչքան էլ ծաղկեալ լինի։ Դրա համար էլ այն անխուսափելիութիւնը, որով նա պէտք է նախ իր, ապա իր հայրենիքի, այսինքն իր մերձաւորների մասին մտածի։ Դրա հակառակ Ուտոպիայում, որտեղ ամէն ինչ բոլորին է պատկանում, ոչ ոք չի կարող մի բանի պակասութիւն զգալ, քանի հասարակական շտեմարանները լիքն են․ չէ՞ որ պետութեան կարողութիւնն այդ երկրում երբեք անարդար չի բաշխւում․ այնտեղ չի կարելի տեսնել ոչ աղքատ եւ ոչ էլ մուրացիկ եւ թէեւ ոչ ոք մի բան իր սեփականը չի անուանում, բայց եւ այնպէս բոլորն էլ հարուստ են։ Արդարեւ, երկրի վրայ գոյութիւն ունի՞ աւելի լաւ հարստութիւն, քան այն, որը մեզ թոյլ է տալիս զուարթ ու հանգիստ, անհոգ ու անխռով ապրել․ կա՞յ աւելի լաւ վիճակ, քան կարիք չունենալ դողալու իր գոյութեան համար, չյոգնել կնոջ անվերջ խնդրանքներից ու գանգատներից, չվախենալ իր որդու համար ոչ մի թշուառութիւնից, չանհանգստանալ աղջկայ օժիտի համար— այլ, ընդհակառակն, ապահով ու անհոգ լինել իր եւ բոլոր իւրայինների՝ ամուսնու, երեխաների, թոռների, ծոռների մինչեւ ամենահեռաւոր սերունդների գոյութեան եւ բարեկեցութեան համար, որով մի ազնուական կարող է յոխորտալ։ Այդ առաւելութիւններն ուտոպիական պետութիւնն ընձեռնում է ինչպէս հաշմանդամներին, որոնք առաջ աշխատել են, նոյնպէս էլ առողջ քաղաքացիներին, որոնք դեռեւս աշխատունակ են։ Ինձ հաճելի կը լինէր, եթէ մէկը համարձակուէր այս կարգերի հետ համեմատել միւս ժողովրդների կարգերը․ ինչ ինձ է վերաբերում, գլխովս կերաշխաւորեմ, եթէ ես միւս ազգերի մօտ իրաւունքի եւ արդարութեան ամենաչնչին նշոյլը գտնեմ։ Մի՞թէ արդար է, որ մի ազնուական, մի ոսկերիչ<ref>Մորի ժամանակ ոսկերիչները միաժամանակ դրամափոխներ եւ բանկիրներ էին։</ref>, վաշխառու, մի մարդ, որը կամ ոչինչ եւ կամ միայն պետութեան անօգուտ իրեր է պատրաստում— անգործունէութեան կամ դատարկ զբաղումների գրկում հաճելի կեանք վարեն, մինչդեռ օրավարձուորները, բեռնակիրները, արհեստաւորները, հողագործը խոր թշուառութեան մէջ են ապրում եւ հազիւ են ամենաանհրաժեշտ սնունդն ստանում․ թէեւ վերջինները երկար ու ծանր աշխատանքի են դատապարտուած, որին գրաստները հազիւ կարող են դիմանալ— այնքան շատ անհրաժեշտ աշխատանքներ, որ ոչ մի հասարակութիւն առանց դրանց մի տարի գոյութիւն ունենալ չի կարող։ Արդարեւ, գրաստի դրութիւնը հազար անգամ աւելի լաւ է թւում․ նա այնքան երկար չի աշխատում, նրա սնունդը նուազ վատ է եւ մինչեւ իսկ իր ճաշակելիքն աւելի համապատասխան․ բացի այդ, անասունը չի վախենում իր ապագայից։ Ի՞նչպէս է սակայն օրավարձուորի վիճակը․ մի անպտուղ, անշնորհակալ աշխատանք սպառնում է նրան ներկայումս, եւ թռուառ ծերութեան հեռանկարը նրան սպառնում է հենց այժմ, քանի որ օրական վաստակը չի բաւականացնում նրա այսօրուայ բոլոր կարիքներին։ Այդ պատճառով էլ, ի՞նչպէս նա կարող է բարելաւել իր վիճակը եւ ծերութեան կարիքների համար օրական մի բան ետ գցել։ Անարդար ու երախտամոռ չէ՞ այն հասարակութիւնը, որը այդքան շատ բարիքներ է շռայլում նրանց, որոնց երեւելի է անուանում, ծոյլերին կամ ճոխութեան առարկաներ արտադրողներին, որ իրենց գործունէութիւնը միայն ունայն հաճոյքների են նուիրում,— մինչդեռ միւս կողմից կարեկցութիւն եւ ոչ էլ հոգացողութիւն է ցուցաբերում հողագործի, ածխահատի, օրավարձուորի, բեռնակրի եւ ձեռքի աշխատողների նկատմամբ, առանց որոնց հասարակութիւնը գոյութիւն ունենալ չէր կարող։ Իր դաժան եսականութեան մէջ, հասարակութիւնը չարաշահում է նրանց երիտասարդութեան ուժը, դրա միջոցով որքան հնարաւոր է շատ աշխատանք ու օգուտ քամելու համար․ բայց հենց որ տարիքի եւ հիւանդութեան ծանրութեան տակ նրանց ուժերը նուազում են ու նրանք ամէն բանում թուլանում,— մոռանում է նրանց անքուն գիշերները, նրանց բազմաթիւ եւ կարեւոր ծառայութիւններն ու սովամահութեամբ է վարձատրում նրանց։ Դա դեռ բոլորը չէ։ Հարուստներն ամէն օր պակասեցնում են աղքատների վարձքը ոչ միայն ամէն տեսակ խորամանկութիւններով եւ խաբեբայութիւններով, այլեւ նոյն նպատակով օրէնքներ են հրատարակում։ Մի այդպիսի վրդովեցուցիչ հատուցում նրանց, որոնք պետութեան ամենամեծ երախտագիտութեանն են արժանի,— հենց սկզբից անժխտելի անարդարութիւն է թւում․ սակայն հարուստներն այդ անարդարութիւնը վերածում են իրաւական նորմայի՝ օրէնքի ուժ տալով դրան։ Դրա համար էլ, ես ամենածաղկեալ պետութիւններ մէջ, վկայ է դրան աստուած, ուրիշ ոչինչ չեմ տեսնում, քան ականաւորների դաւադրութիւն, որոնք պետութեան վեհ անուան եւ պիտակի տակ անում են այն, ինչ էլ որ ուզում են։ Դաւադիրներն ամէն տեսակի խաբեբայութիւնով, բոլոր հնարաւոր միջոցներով ձգտում են հասնել հետեւեալ կրկնակի նպատակին․ Ամէնից առաջ նրանք ուզում են ապահովել աւելի կամ պակաս կասկածելի ճանապարհով ձեռք բերուած կարողութեան անսահմանափակ սեփականութիւնը․ երկրորդ, նրանք ուզում են յօգուտ իրենց չարաշահել աղքատների թշուառութիւնն ու նրանց անձը, որպէսզի հնարաւորութեան չափ ցած գնով ձեռք բերեն նրանց աշխատանքն ու լարուածութիւնը։ Եւ այս խորամանկութիւններն ու խաբեբայութիւնները, որ հարուստները պետութեան անունով, հետեւապէս եւ աղքատների անունով, սահմանում են,— դառնում են օրէնքներ։ Սակայն թէեւ այս խորամանկները անհագ ընչասիրութեամբ իրենց միջեւ բաժանել են բոլոր բարիքները, որոնք մի ամբողջ ժողովրդի երջանկութեանը կը բաւականացնէին— այնուամենայնիւ շատ հեռու են այն նախանձելի վիճակից, որը վայելում են ուտոպիացիները։ Ուտոպիայում ագահութիւնն անկարելի է, որովհետեւ այնտեղ փող չի գործածւում։ Հոգսերի ի՜նչպիսի յորդառատ աղբիւրներ դրա շնորհիւ չեն ցամաքեցրել, ոճրագործութեան ո՜րպիսի առատ հունձք արմատահան չեն արել․ ո՞վ չգիտի, որ խաբեբայութիւնը, աւազակութիւնը, ճնշումները, ժողովրդական ապստամբութիւնները, գանգատները, խռովութիւնները, սպանութիւնները, դաւաճանութիւնները, թունաւորումները— ո՞վ չի իմանում, ասում եմ ես— որ բոլոր այս ոճիրները, որոնց համար հասարակութիւնը պատիժներով մշտապէս վրէժ է լուծում, առանց այդպիսիք ոչնչացնել կարողանալու,— հենց նոյն օրը կանհետանային երկրի երեսից, երբ փողը վերանար։ Այն ժամանակ կը դադարէին վախը, խռովութիւնը, հոգսերը, չափազանց լարուածութիւնները եւ անքուն գիշերները։ Ինքը՝ աղքատութիւնը, որ թւում է այդքան կարիք ունի փողի, ինքը՝ աղքատութիւնը կը վերանար փողի հետ միասին։ Ահա ձեզ ակնյայտ փաստը։ Ենթադրենք, թէ պատահում է մի վատ եւ անբերրի տարի, որի ընթացքում մի սարսափելի սով ոչնչացնում է հազարաւոր մարդկանց։ Ես պնդում եմ, որ, եթէ այս ընդհանուր կարիքի վախճանին հարուստների ամբարները հետախուզուեն, այնտեղ հացահատիկի անչափելի պաշարներ կյայտաբերուեն։ Եթէ այդ պաշարը ճիշտ ժամանակին բաժանուեր սովի եւ հիւծումի մատնուածների միջեւ, այն դէպքում այդ դժբախտներից եւ ո՛չ մէկը երկնային խստութիւնը եւ կամ հողի ժլատութիւնը չէր զգայ։ Այսպիսով, դուք տեսնում էք, որ առանց փողի կարելի կը լինէր ապահովել իւրաքանչիւրի գոյութիւնը․ ոսկու աղբիւրը, այդ երջանիկ գիւտը, որը մեր առաջ բաց էր անելու երջանկութեան դարպասները, անողոք կերպով փակում է մեր առջեւը։ Ես չեմ տարակուսում, որ իրենք՝ հարուստները, համոզուած չեն այս ճշմարտութիւնների մէջ։ Նրանք գիտեն, որ անսահմանօրէն աւելի լաւ է երբեք ոչ մի բանի կարիք չզգալ, քան թէ շրջապատուած լինել առատութիւնով․ որ լաւ է ազատ լինել շատ աղէտներից, քան թէ բոլոր կողմերից պաշարուած՝ մեծ հարստութիւնով։ Ես մինչեւ իսկ կարծում եմ, որ մարդկային սեռը վաղուց արդեն ուտոպիական պետութեան օրէնքները իւրացրած կը լինէր— լինի նա իր սեփական շահերի, թէ Քրիստոսի խօսքերին հետեւած լինելու համար՛ չէ՞ որ Փրկչի իմաստութեանը չէր կարող յայտնի չլինել այն, որ մարդկանց համար ամենաօգտակարն է, եւ նրա աստուածային բարութիւնը պէտք է սովորեցնէր մարդկանց այն, ինչ որ նա լաւ եւ կատարեալ է համարում։ Սակայն հպարտութիւնը, այդ անսանձ կիրքը, ամէն մի հասարակական վէրքի մայրն ու թագուհին, անյաղթելի դիմադրութիւն է հակադրում ժողովուրդների այդ շրջադարձին։ Հպարտը երջանկութիւնը անձնական հանգստութեամբ չի չափում, այլ՝ համաձայն մի ուրիշի տառապանքների մեծութեան։ Հպարտը չէր ցանկանայ մինչեւ իսկ աստուած դառնալ, եթէ շուրջը դժբախտներ չմնան, որոնց նա կարողանայ չարչարել ու շահատակել․ եթէ երջանկութեան փայլը թշուառութեան արհաւիրքի հառաչանքներով այլեւս չբարձրանայ․ եթէ իր հարստութեան ցուցադրումն աղքատներին այլեւս չտանջի եւ չգրգռի նրանց յուսահատութիւնը։ Հպարտութիւնը մի թունաւոր օձ է, որը սողոսկելով մարդկանց սրտի մէջ՝ իր թոյնով կուրացրել է նրանց եւ լաւագոյն կեանքի արահետից հեռու է մոլորեցրել։ Այդ սողունը շատ ու շատ խորն է կծում, որպէսզի հեշտութեամբ հնարաւոր չլինի կրկին թօթափել այն։ Ես բոլոր երկրներին սրտանց ցանկանում եմ այնպիսի մի կազմակերպութիւն, որ ես ձեզ նկարագրեցի։ Առնուազն ինձ ուրախացնում է, որ ուտոպիացիներն այս դէպքում բացառութիւն են կազմում եւ իրենց պետութիւնն այնպիսի հիմքերի վրայ են կառուցել, որ ոչ միայն ամենածաղկեալ վիճակն են ապահովում, այլեւ, ինչքան մարդկային սուր հայեացքը կարող է թափանցել յաւերժականութիւն։ Փառախնդրութեան, երկպառակութեան եւ ուրիշ բոլոր մոլութիւնների ծիլերը նրանց մօտ արմատախիլ են արուած։ Բացի այդ, պետութիւնը չի վախենում քաղաքացիական ոչ մի պառակտումից, որը այնքան շատ պետութիւնների զօրութիւնն են բարօրութիւնն աւերել է։ Այն ժամանակ, երբ քաղաքացիների միութիւնն ապահովում է երկրի ներսը, հիանալի եւ աշխոյժ հաստատութիւնները պաշտպանում են երկիրն արտաքին վտանգներից։ Բոլոր հարեւան թագաւորների նախանձը չի կարող ցնցել կամ անհանգստացնել պետութեանը․ նրանք արդեն այդ փորձել են, սակայն նրանց փորձերը միշտ ձախողման են ենթարկուել»։ ——— Երբ Ռաֆայէլը վերջացրեց իր պատմութիւնը, ես յիշեցի ուտոպիացիների օրէնքների եւ բարքերի մի խոշոր թիւ, որ ինձ անհեթեթ էր թւում․ դրանց շարքին են պատկանում նրանց պատերազմ վարելու եղանակը, աստուածապաշտութիւնը, կրօնը եւ ուրիշ բազմաթիւ հաստատութիւններ։ Սակայն, ինչ որ մասնաւորապէս իմ պատկերացումներին հակասում էր, այն բազան էր, որի վրայ հիմնուած է այդ տարօրինակ պետութիւնը։ Ես նկատի ունեմ կեանքի եւ հարստութեան համայնացումը՝ առանց փողի գործածութեան։ Որովհետեւ այս համայնացումը ամբողջովին ոչնչացնում է ամէն տեսակի առանձնաշնորհում եւ փայլ, երեւելիութիւն ու արիստոկրատիզմ, իսկ մինչդեռ հասարակական կարծիքի աչքում հենց դրանք են կազմում պետութեան իսկական զարդը։ Սակայն չնայած դրան, ես Ռաֆայէլին ոչ մի դիտողութիւն չարի, որովհետեւ գիտէի, որ երկար պատմութիւնը յոգնեցրել էր նրան։ Բացի այդ, ես վստահ չէի, թէ ինչքան համբերութեամբ նա կը լսէր իմ առարկութիւնները։ Ես յիշեցի, որ լսել եմ, թէ ինչպէս նա մի քանի առարկողների վախը խիստ կերպով երեսներովն էր տուել․ որոն կարծում են թէ տկարամիտ կհամարուեն, եթէ ուրիշների պնդումների դէմ առարկելու մի բան չգտնեն։ Դրա համար էլ ես գովեցի ուտոպիական հաստատութիւնները եւ իր պատմութիւնը, ապա վերցրի նրա ձեռքը, որպէսզի ընթրիքի գնանք, ասելով, որ մենք մի ուրիշ անգամ ազատ ժամանակ կը գտնենք այս նիւթի մէջ աւելի խորանալու եւ այդ մասին միմեանց հետ աւելի հանգամանօրէն զրուցելու։ Տա աստուած, որ այդ մի օր կատարուի։ Թէեւ ես մի կողմից չեմ կարող համաձայնուել այ բոլորի հետ, ինչ որ պատմեց այդ ամենագիտուն եւ փորձառու մարդը, բայց, միւս կողմից, սիրով խոստովանում եմ, որ ուտոպիական պետութեան մէջ շատ այնպիսի բաներ կան, որ կարելի կը լինէր ցանկանալ, որ մեր պետութիւններն էլ ընդօրինակէին։ Ես դա աւելի ցանկանում եմ, քան թէ յոյս ունեմ։ ==Յաւելուած=====Թոմաս Մորի նամակը Պետր Էգիդին<ref>Այս նամակը որպէս առաջաբան տպագրուած է «Ուտոպիա»֊ի առաջին հրատարակութեան մէջ (1516 թ․), որ ղեկավարել է Պետր Էգիտը։ Ծանօթ․ թարգմ․</ref>=== Ես ինձ շատ անհարմար դրութեան եմ զգում, թանկագին Պետր Էգիդ, որ գրքոյկը Ուտոպիայի պետութեան մասին միայն համարեայ մի տարի յետոյ եմ ուղարկում, մինչդեռ, ինչպէս միանգամայն իրաւացիօրէն դու կարող ես մտածել, այդպիսի աշխատանքի համար մէկ եւ կէս ամիսն էլ բաւական կը լինէր։ Չէ՞ որ քեզ յայտնի է, որ այս գիրքը կազմելու համար ինձ հարկաւոր չէր ոչ սովորել, ոչ էլ առանձին ճիգ գործադրել, ես պէտք չունէի առանձին գլուխների տեղաբաշխման յատուկ պլան յօրինել։ Ինձ մնում էր միայն ճիշտ հաղորդել մեր համատեղ խօսակցութիւնը Ռաֆայէլի հետ, որն ինքը պատմեց եւ բացատրեց ստորեւ շարադրուածը, բացի այդ, ես կարիք չունէի նոյնպէս առանձնապէս մտահոգուել գրքի նաեւ արտաքին կողմի մասին, շարադրման պերճախօսութեան մասին, չէ՞ որ նա աւելի լաւ ծանօթ է յունարէնին, քան լատիներէնին․ դրա համար նրա լեզուն չէր էլ կարող շատ գեղեցիկ լինել, ասենք նա չի էլ նախապատրաստուել եւ չի էլ մտածել դրանից առաջ այն մասին, ինչ որ պատմեց մեզ։ Սակայն, որքան ես կարողանամ աւելի մօտենալ նրա հասարակ, անշահաւէտ պատմութեանը, ես նոյնքան աւելի մօտ կը լինեմ ճշմարտութեանը։ Ես անկեղծօրէն խոստովանում եմ քեզ, իմ բարեկամ Պետր, որ այս բոլորն իմ աշխատութիւնն այնպէս հեշտացրեց, որ ինձ համարեայ ոչինչ չէր մնում անել, իսկ չէ՞ որ հակառակ դէպքում հենց շարադրման առարկան եւ այն տեղաբաշխել կարենալը քիչ ժամանակ չէին խլի մինչեւ իսկ այն մարդուց, որը սովոր է գիտնական աշխատանքի։ Բայց եթէ ինձնից պահանջուեր գործը ոչ միայն ճիշտ շարադրել, այլեւ գեղեցիկ, ապա, յիրաւի, ոչ ժամանակը կը բաւականացներ, ոչ էլ կարողութիւնը։ Սակայն իրերի դրութեան այս պայմաններում, երբ աշխատանքի ամենադժուար մասն ինձ չէր վերաբերում, ինձ մնում է միայն շարադրել այն, ինչ որ լսել ենք։ Մանաւանդ որ մինչեւ իսկ այս փոքր աշխատանքի աւարտմանն էլ խանգարեցին իմ միւս զբաղմունքներն ու հոգսերը։ Դատական գործերն ամէն օր ինձնից ահագին ժամանակ են խլում․ մի դատավարութեան ժամանակ ես ինքս պէտք է խօսեմ, մի ուրիշում լսեմ ցուցմունքները եւ խորհուրդ տամ, երրորդում պէտք է լինում արտայայտել իմ դատավճիռը։ Ապա յայտնւում են զանազան մարդիկ, ոմանք վարչական, ուրիշներ մասնաւոր գործերով։ Եւ ահա ես, դատարանում կորցնելով համարեայ իմ ամբողջ ժամանակը, մնացորդը պէտք է այնուամենայնիւ նուիրեմ ընտանիքին։ Իսկ ինձ համար, այլեւս ժամանակ չի մնում։ Չէ՞ որ տուն վերադառնալով՝ ես պէտք է զրուցեմ կնոջս հետ, կատակեմ երեխաների հետ, խօսեմ աղախնի հետ․ այս բոլորը ես համարում եմ իմ պարտականութիւնը, որ պէտք է կատարել․ եթէ այդ չանես, ապա քո սեփական տանը կարող ես օտարանալ։ Չէ՞ որ մարդ պէտք է ձգտի սիրալիր լինել նրանց հետ, որոնց բնութիւնը, պատահականութիւնը կամ սեփական ընտրութիւնը քո կեանքի ուղեկիցներն են դարձրել․ անշուշտ այս դէպքում պէտք չէ նրանց երես տալ կամ քո սպասաւորների նկատմամբ լինել ստորադրեալի վիճակում։ Այս բոլոր գործերով անցնում են օրեր, ամիսներ, տարիներ։ Իսկ ե՞րբ պէտք է ես գրեմ։ Ես դեռ ուշադրութեան չառայ քունն ու ուտելը, որ շատերի մօտ միայն նուազ ժամանակ է խլում, քան մինչեւ իսկ քունը․ իսկ սա իր հերթին խլում է մարդու կէս կեանքը։ Այդ պատճառով ինձ համար մնում է միայն այն ժամանակը, որ ես կտրում եմ ուտելուց կամ քնից։ Թէեւ այդ ժամանակը քիչ է, բայց այնուամենայնիւ բաւական կը լինէր, որպէսզի վերջացնէի Ուտոպիան՝ թէկուզ ուշացումով։ Ես այն ուղարկեցի քեզ, իմ բարեկամ Պետր, որպէսզի դու կարդաս եւ նայես, թէ արդեօք ես որեւէ բան բաց չե՞մ թողել․ թէեւ ես ընդհանպապէս վստահում եմ իմ յիշողութեան (եթէ ես գոնէ այնքան խելացիութիւն եւ գիտնականութիւն ունենայի, որքան յիշողութիւն), բայց եւ այնպէս չի կարելի վստահ լինել, որ ես ոչ մի սխալ կատարած չլինեմ։ Ահա, օրինակ, իմ որդին՝ Յոան Կլեմենտը, ինչպէս դու յիշում ես այն ժամանակ գտնւում էր մեզ հետ (ես ափսոսում էի նրան որեւէ օգտակար բան լսելու հնարաւորութիւնից զրկել․ ընդհանրապէս հին լեզուներում ունեցած նրա յաջողութիւններից յետոյ ես ուժեղ կերպով հենւում եմ նրա խելքի վրայ), նա ինձ շատ շփոթեցրեց․ եթէ ես չեմ սխալւում, Հիթլոդն ասաց, որ Անիդեր գետի կամուրջը Ամաուռոտ քաղաքում 500 քայլ է, իսկ Յոանը հաւաստիացնում է, որ խօսք եղաւ ընդամէնը 300 քայլի մասին, այնպէս որ 200 քայլ պէտք է հանել։ Արդեօք դու չե՞ս յիշում, թէ ինչպէս պատմեց մեզ․ շատ եմ խնդրում քեզ դր համար․ եթէ դու իմ որդու կողմը կը լինես, ապա ես կընդունեմ իմ սխալը, եթէ դու ինքդ էլ մոռացած լինես ճիշտ թիւը, ապա բոլորը կը թողնես նախկինը, ինչպէս ես եմ յիշում։ Այս բոլորը ես անում եմ նրա համար, որպէսզի իմ երկասիրութեան մէջ անճիշտ ոչինչ չլինի․ թող սխալ լինի, բայց ես չեմ ուզում, որ այնտեղ սուտ լինի, աւելի լաւ է ազնիւ լինել, քան զգուշ։ Ի միջի այլոց այս դէպքում կարելի է նեղ դրութիւնից դուրս գալ․ երբ տեսնես Ռաֆայէլին հարցրու եւ կամ գրիր նրան։ Բացի այդ, նրան պէտք է գրել նաեւ այլ առթիւ— թող նա վճռի միւս տարակուսանքը։ Չէ որ մեզնից ոչ մէկի մտքով չանցաւ հարցնել նրան թէ Նոր֊Աշխարհի ո՛ր մասում է գտնւում Ուտոպիան, իսկ նա, որքան յիշում եմ, այդ մասին չխօսեց։ Ես ոչինչ չէի խնայի այդ տեղեկութիւններն ստանալու համար․ չէ՞ որ ինձ համար անյարմար է չիմանալ, թէ ո՛ր ծովում է գտնւում այն կղզին, որ ես այդպէս մանրամասն նկարագրում եմ․ բացի այդ ես գիտեմ մի քանի անձնաւորութիւններ, որոնք կը ցանկանային ուղեւորուել այդ կղզին։ Դրանց թւում աստուածաբանութեան մի պատուարժան ուսուցիչ․ այս վերջինին չի հրապուրում ոչ սովորական հետաքրքրութիւնը, ոչ էլ նորութեան պահանջը, այլ այդ կղզում մեր կրօնը տարածելու ցանկութիւնը, որի քարոզումն արդեն սկսուել է այնտեղ։ Իր նպատակն աւելի լաւ իրագործելու համար, նա կը ցանկանար, որ մեր արքեպիսկոպոսը նրան Ուտոպիայի եպիսկոպոս նշանակէր։ Այս նպատակին հասնելու համար նա միջոցների առաջ կանգ չի առնում— նա գործի է դնում բոլոր հնարաւոր միջոցները, ոչ թէ փառասիրութեան եւ հարստութեան տենչով, այլ միմիայն կրօնական ջերմեռանդութիւնից։ Այսպէս, շատ եմ խնդրում քեզ, թանկագին Պետր, խորհրդակցել Ռաֆայէլի հետ անձամբ, եթէ այդ քեզ յաջողի, կամ գրաւոր եւ անել բոլորը, որ կախուած է քեզնից, որպէսզի գրքում մեղանչումներ չլինեն։ Լաւ չի՞ լինի արդեօք գիրքը ցոյց տալ հենց նրան։ Քանի որ, ո՞վ, բացի նրանից, աւելի լաւ կարող է ուղղել սխալները, եթէ այդպիսիք այնտեղ սպրդել են։ Դրա համար նրան հարկաւոր է միայն թերթել իմ գիրքը, ի միջի այլոց կարելի կը լինի նրանից իմանալ, թէ արդեօք նա հաւանութիւն տալի՞ս է իմ աշխատութեան, քանի որ կարող է պատահել, որ նա ինքն է պատրաստուել նկարագրել իր ճանապարհորդութիւնները եւ կարող է զայրանալ իմ վրայ այն պատճառով, որ ես կանխել եմ իրեն եւ թուլացրել նորութեան հետաքրքրականութիւնը․ լոյս ընծայելով «Ուտոպիայի պետութիւնը», ես չէի ցանկանայ նման բազխումներ ունենալ։ Սակայն, անկեղծ ասած, ես ինքս էլ դեռեւս չեմ իմանում, թէ արդեօք հրապարակե՞մ այս գիրքը, թէ ոչ․ մարդկանց ճաշակներն այնքան բազմազան են, իւրաքանչիւր մարդու բնութիւնն այնքան անհատական, կարծիքներն այնքան ապականուած, խորհելու ունակութիւնն այնքան աննշան, որ մարդիկ, որոնք օգտւում են զգայական բոլոր հաճոյքներով եւ բաւարարում են իրենց մարմնական պահանջները, թւում է թէ աւելի լաւ վիճակում են, քան գիտնականները, որոնք հոգ են տալում, որպէսզի բոլոր կողմերով օգտակար եւ հաճելի գիրք գրեն եւ հրատարակեն։ Բայց, հակառակ նրանց ճիգերին, առաջին կատեգորիայի մարդիկ այնուամենայնիւ դէպի գիրքը վերաբերւում են արհամարհանքով եւ անշնորհակալութեամբ ու չեն գնահատում այն։ Մարդկանց մեծամասնութիւնը անկիրթ է եւ հեգնում է գիտութիւնը։ Անտաշ մարդուն միայն կարող է հաճոյք պատճառել ա՛յն, ինչ կոպիտ է ու վայրենի։ Իսկ գիտնական մարդն ընկնում է միւս ծայրայեղութեան մէջ․ նա անարժան եւ գռեհիկ է համարում այն բոլորը, որ ժամանակակից է, կենդանի, որը գունազարդուած չէ գործածութիւնից վաղուց դուրս եկած բառերով։ Այդպիսին սիրում է միայն հնոտին, նա բաւարարւում է իր սեփական դատողութիւններով։ Մէկը մռայլ է, չի հասկանում կատակներ, նրան գրգռում են ամէն տեսակի զուարճանքներ․ միւսը չի հասկանում վերացական, փոխաբերական ոչ մի բան, ոմանք վախենում են երգիծանքից, ինչպէս ջրավախը սարսափում է ջրից․ ուրիշներ հանդէս են գալիս որպէս անկայուն մարդիկ, շարունակ փոխում են իրենց դատողութիւնը եւ կանգնած ժամանակ ասում են մի բան, իսկ հենց որ նստեն՝ նրանց մտքում արդեն բոլորովին այլ բան է լինում։ Վերջապէս, կարելի է հանդիպել նաեւ այլ տեսակի ընթերցողների․ սրանք նստում են պանդոկներում եւ, ծծելով թասերից, քննադատում են գրականագէտներին՝ դատափետելով նրանց ամենահեղինակաւոր տոնով, ծաղրում են նրանց եւ իրենցից վեր չընդունելով ոչ ոքի, այսպիսով խուսափում են դատաստանից։ Երանի թէ նրանք ունենային կարգին մարդու գեթ մի մազ, որից կարելի լինէր կառչել։ Վերջապէս կայ անշնորհակալ ընթերցողների մի տեսակ էլ, որ գրքի ընթերցումից ստանում է մեծ հաճոյք, բայց այնուամենայնիւ փնթփնթում է հեղինակի հասցէին եւ նրան շնորհակալութիւն չի արտայայտում։ Իրենց անշնորհակալութեամբ նրանք յիշեցնում են որովայնապաշտներին, որոնք տրաքելու աստիճան լափում ու լակում են հիւրատեղում՝ տանտիրոջ մինչեւ իսկ շնորհակալութիւն չասելով։ Ահա՛, արի ու այս բոլորից յետոյ հեղինակ դարձիր, կազմակերպիր խնջոյքներ բազմերանգ եւ ընդհանրապէս չար ու ապերախտ հասարակութեան համար։ Բայց եւ այնպէս, թանկագին Պետր, մի՛ զլանայ Հիթլոդից իմանալ այն բոլորը, ինչ ես քեզ խնդրում եմ այս նամակում— ես չեմ կարող չխորհրդակցել նրա հետ։ Չէ՞ որ ես այս երկասիրութեան վրայ այսպէս թէ այնպէս աշխատել եմ եւ եթէ նա դէմ ոչինչ չունի, կուզենայի հրատարակել այն։ Ես միայն առաջնորդւում եմ իմ մտերիմների եւ մանաւանդ քո խորհրդով։ Եղի՛ր առողջ, իմ թանկագին բարեկամ, Պետր Էգիդ քո հրաշագեղ կնոջ հետ միասին տածիր իմ նկատմամբ միեւնոյն սէրը, ինչպէս առաջ, իսկ ես քեզ սիրում եմ աւելի շատ, քան երբեւիցէ։