Changes
/* IV */
== IV ==
— Դուք գուցե գիտեք (ասենք, ես ինքս եմ ձեզ պատմել), որ ես նստած էի այստեղ, պարտապանների կալանատանը, խոշոր պարտք ունենալու պատճառով, և դա վճարելու համար ոչ մի միջոց չունեի,— սկսեց Սվիդրիգայլովը։— Հարկ չկա մանրամասն պատմել, թե ինչպես այն ժամանակ ինձ փրկագնեց Մարֆա Պետրովնան. գիտե՞ք արդյոք, թե երբեմն ինչպիսի խելացնորությամբ կարող է սիրել կինը։ Այդ մի ազնիվ, շատ խելոք կին էր (թեպետև բոլորովին կրթված չէր)։ Պատկերացրեք, որ հենց այդ ազնիվ, բայց խանդոտ կինը շատ անգամ սարսափելի կատաղության հասնելուց և կշտամբանքներ թափելուց հետո որոշեց ինձ հետ յուրատեսակ համաձայնություն կնքել, որը և կատարում էր մեր ամուսնության ամբողջ ժամանակաընթացքում։ Բանն այն է, որ նա շատ մեծ էր ինձնից, բացի այդ, բերանում շարունակ մեխակի ինչ-որ համեմունք էր պահում։ Ես հոգուս մեջ այնքան խոզություն և յուրատեսակ շիտակություն ունեցա, որ նրան ուղղակի հայտարարեցի, որ չեմ կարող նրան բոլորովին հավատարիմ լինել։ Այս խոստովանությոլնը նրան ուղղակի կատաղության հասցրեց, բայց իմ կոպիտ շիտակությունը կարծես թե նրան մի քիչ դուր եկավ․ «Ուրեմն, մտածում է նա, սա չի ուզում խաբել, եթե նախապես այդպիսի հայտարարություն է անում», խանդոտ կնոջ համար այդ էլ բավական էր։ Երկար լացուկոծից հետո մեր միջև մի այսպիսի բանավոր համաձայնություն կայացավ. առաջին, ես երբեք չեմ թողնի Մարֆա Պետրովնային և միշտ կլինեմ նրա ամուսինը, երկրորդ, առանց նրա թույլտվության ոչ մի տեղ չեմ գնա. երրորդ, մշտական սիրուհի երբեք չեմ ունենա, չորրորդ, դրա համար Մարֆա Պետրովնան ինձ թույլ է տալիս երբեմն աչք դնել աղախինների վրա, բայց ոչ այլ կերպ, քան իր գաղտնի գիտությամբ, հինգերորդ, աստված չանի ես սիրեմ մեր դասի կանանց, վեցերորդ, աստված մի արասցե, եթե ես որևէ կնոջ նկատմամբ բռնկվեմ խորին և լուրջ սիրով, ապա պետք է դա հայտնեմ Մարֆա Պետրովնային։ Վերջին կետի վերաբերյալ Մարֆա Պետրովնան ամբողջ ժամանակվա ընթացքում բավական հանգիստ էր, նա խելացի կին էր, հետևաբար հո չէր կարող ինձ վրա նայել այլ կերպ, քան անառակի և ցոփակյացի վրա, որը չի կարող լուրջ սիրել։ Բայց խելացի կինը և խանդոտ կինը երկու տարբեր բաներ են, և հենց այդ է դժբախտությունը։ Սակայն որոշ մարդկանց մասին անաչառ դատելու համար հարկավոր է նախապես հրաժարվել որոշ կանխակալ հայացքներից և սովորաբար մեզ շրջապատող մարդկանց ու առարկաներին ընտելացած լինելու սովորությունից։ Ես իրավունք ունեմ հուսալու, որ դուք ավելի ճիշտ կդատեք, քան որևէ մեկ ուրիշը։ Գուցե դուք Մարֆա Պետրովնայի մասին ծիծաղելի ու անհեթեթ բաներ շատ եք լսել։ Իսկապես, նա որոշ, խիստ ծիծաղելի սովորություններ ուներ. բայց ձեզ ուղղակի կասեմ, որ անկեղծորեն ցավում եմ նրա տեսած անթիվ դառնությունների համար, որոնց պատճառը ես էի։ Էհ, կարծեմ սա բավական է քնքշագույն կնոջ հիշատակին քնքշագին ամուսնու միանգամայն վայելոլչ orasion funèbre<ref>Դամբանական (ֆրանս․)։</ref>֊ի համար։ Երր մենք կռվում էինք, ես մեծ մասամբ լռում էի ու չէի ջղայնանում, և այդ ջենտլմենությունը համարյա միշտ հասնում էր նպատակին, դա ազդում էր նրա վրա և նույնիսկ դուր էր գալիս նրան, լինում էին դեպքեր, երբ նա մինչև իսկ հպարտանում էր ինձնով։ Իսկ ձեր քույրիկին նա չհանդուրժեց։ Զարմանալի էր, որ նա ռիսկ արեց այդպիսի գեղեցկուհուն բերել իր տունը իբրև դաստիարակչուհի։ Ես այդ բացատրում եմ նրանով, որ Մարֆա Պետրովնան բոցաշունչ և ընկալունակ կին էր և ուղղակի սիրահարվեց, տառացիորեն սիրահարվեց ձեր քույրիկին։ Եվ ինչպիսի՜ն էր Ավդոտյա Ռոմանովնան։ Ես հենց առաջին հայացքից իմացա, որ բանը վատ է, կարող եմ հրապուրվեի և ի՞նչ եք կարծում, որոշեցի մինչև իսկ չնայել նրան։ Բայց Ավդոտյա Ռոմանովնան ինքն արեց առաջին քայլը, հավատո՞ւմ եք, թե ոչ։ Հավաաո՞ւմ եք, որ Մարֆա Պետրովնան այնտեղ էր հասնում, որ սկզբում ինձ վրա բարկանում էր ձեր քրոջ մասին իմ մշտական լռության համար, Ավդոտյա Ռոմանովնայի մասին իր անընդհատ և սիրազեղ խոսքերին անտարբեր լինելուս համար։ Ինքս էլ չեմ հասկանում, թե նա ինչ էր ուզում։ Դե իհարկե, Մարֆա Պետրովնան Ավդոտյա Ռոմանովնային պատմեց ինձ վերաբերող բոլոր գաղտնիքները։ Դժբախտաբար նա սովորություն ուներ ուղղակի բոլորին պատմել մեր բոլոր ընտանեկան գաղտնիքները և ամենքին շարունակ գանգատվել, և ինչպե՞ս կարող էր չպատմել նաև այդ նոր, հիանալի բարեկամուհուն։ Կարծում եմ, որ նրանք հենց միայն իմ մասին էին խոսում, և Ավդոտյա Ռոմանովնային անտարակույս հայատնի դարձան ինձ վերաբերող բոլոր մռայլ, խարհրդավոր հեքիաթները... գրազ եմ գալիս, որ դուք էլ եք որևէ այդպիսի բան լսել։
— Լսել եմ։ Լուժինը մեղադրում էր ձեզ, որ դուք նույնիսկ երեխայի մահվան պատճառ եք եղել։ Ճի՞շտ է դա։
— Բարի եղեք, թողեք այդ բոլոր գռեհկությունները,— նողկանքով ու դժգոհությամբ ասաց Սվիդրիգայլովը,— եթե դուք անպայման ուզում եք իմանալ այդ ամբողջ անհեթեթությունը, ապա ես երբևէ կպատմեմ ձեզ, իսկ հիմա...
— Ասում էին նաև, որ դուք գյուղում ինչ-որ սպասավոր եք ունեցել և իբր թե նույնպես ինչ֊որ բանի պատճառ եք եղել։
— Խնդրեմ, բավական է,— բացահայտ անհամբերությամբ դարձյալ վրա բերեց Սվիդրիգայլովը։
— Դա այն սպասավորը չէ՞, որ մեռնելուց հետո երևում էր ձեր աչքին,— գալիս էր ծխամորճը թութուն լցնելու... ինքներդ եք այդ ինձ պատմել,— ավելի ու ավելի ջղագրգիռ էր դառնում Ռասկոլնիկովը։
Սվիդրիգայլովը ուշադրությամբ նայեց Ռասկոլնիկովին, ու վերջինիս թվաց, թե այդ հայացքում կայծակի պես վայրկենաբար չարախինդ քմծիծաղ շողաց, բայց Սվիդրիգայլովը զսպվեց և շատ քաղաքավարի պատասխանեց.
— Հենց նա է որ կա։ Ես տեսնում եմ, որ այդ ամենը ձեզ է՛լ է չափազանց հետաքրքրում, ու պարտք կհամարեմ առաջին իսկ հարմար առիթին ըստ ամենայնի բավարարել ձեր հետաքրքրությունը։ Գրողը տանի, ես տեսնում եմ, որ իրոք կարող եմ որևէ մեկին ռոմանտիկ անձնավորություն թվալ։ Դե ինքներդ դատեցեք, թե ես դրանից հետո որչափ պարտավոր եմ շնորհակալ լինել Մարֆա Պետրովնայից, որ նա իմ մասին ձեր քույրիկին այդքան խորհրդավոր ու հետաքրքիր բաներ էր պատմել։ Չեմ համարձակվում դատել դրանց թողած տպավորության մասին. բայց, համենայն դեպս, այդ ինձ համար ձեռնտոլ էր։ Բնականաբար նողկանք զգալով դեպի ինձ և չնայելով, որ ես միշա մռայլ և վանող տեսք էի ունենում, Ավդոտյա Ռոմանովնան ի վերջո սկսեց կարեկցել ինձ, խղճալ կորած մարդուն։ Իսկ երբ ապջկա սիրտը կարեկցում է, ապա հասկանալի է, որ դա առավելապես վտանգավոր է նրա համար։ Այստեղ անպայման ցանկություն է առաջանում է «փրկել», խելքի բերել, հարություն տալ, ավելի ազնիվ նպատակների կոչել, դեպի նոր կյանք և գործունեություն մղել, դե, հայտնի բան է, թե ինչեր կարելի է երազել այդ ուղղությամբ։ Ես իսկույն գլխի ընկա, որ թռչնակը ինքն է թռչում դեպի թակարդը, ու իմ հերթին պատրաստվեցի նրան ընդունելու։ Դուք կարծես թե մռայլվում եք, Ռոդիոն Ռոմանիչ։ Ոչինչ, ինչպես գիտեք, վերջը դատարկ բան դուրս եկավ։ (Գրողը տանի, ինչքա՜ն գինի եմ խմում)։ Գիտե՞ք, ես միշտ, հենց սկզբից ափսոսում էի, որ ձեր քրոջը բախտ չէր վիճակվել ծնվելու մեր թվականության երկրորդ կամ երրորդ հարյուրամյակում, տիրակալ իշխանի կամ որևէ կառավարչի կամ Փոքր Ասիայում պրոկոնսուլի տանը։ Անտարակույս, նա կլիներ այն անձանցից մեկը, որոնք նահատակության էին ենթարկվել, և իհարկե կժպտար, երբ իր կուրծքը դաղեին շիկացած ունելիով։ Նա ինքը կմատնվեր դրան, իսկ չորրորդ և հինգերորդ դարերում կգնար եգիպտական անապատ, այնտեղ կապրեր երեսուն տարի, կսնվեր արմտիքներով, հրճվանքներով ու տեսիլքներով։ Նա ինքը հենց այդ է տենչում և ձգտում է որևէ մեկի համար շուտափույթ որևէ տառապանք ընդունել, ու եթե չլինի այդ տառապանքը, նա թերևս պատուհանից ներքև նետվի։ Ես լսել եմ մի ինչ֊որ պարոն Ռազումիխինի մասին։ Ասում են, որ նա խելացի մարդ է (որ ազգանունից էլ է երևում, երևի սեմինարիստ է) և թող պահպանի ձեր քրոջը։ Մի խոսքով, ես կարծես թե հասկացել եմ ձեր քրոջը, և դա ինձ համար պատիվ եմ համարում։ Բայց, ինքներդ գիտեք, ծանոթության սկզբում մարդ միշտ էլ մի տեսակ թեթևամիտ ու հիմար է լինում, սխալ հայացքներ է ունենում, չի տեսնում այն, ինչ-որ պետք է տեսնի։ Գրողը տանի, ինչո՞ւ է նա այդպես գեղեցիկ։ Ես մեղավոր չեմ։ Մի խոսքով, իմ մեջ ամենաանզուսպ հեշտասիրության պոռթկում առաջացավ։ Ավդոտյա Ռոմանովնան սարսափելի, չլսված ու չտեսնված չափով ողջախոհ է։ (Տեսեք, ես ձեր քրոջ մասին սա հաղորդում եմ որպես փաստ։ Չնայած իր մեծ խելքին, նա մոլորության չափ ողջախոհ է, և դա կվնասի նրան)։ Մեզ մոտ ընդունվեց մի աղջիկ, իբրև սպասուհի, անունը Պարաշա։ Նա սևաչյա էր։ Նրան նոր էին բերել ուրիշ գյուղից։ Շատ սիրունիկն էր, բայց անհավանականության չափ հիմար։ Ամբողջ բակով մեկ լացուկոծ, աղմուկ բարձրացրեց, ու սկանդալ եղավ։ Մի անգամ, ճաշից հետո, Ավդոտյա Ռոմանովնան այգու մի ծառուղիում ինձ մենակ գտավ, ու զայրացած ''պահանջեց'' ինձնից, որ ես խեղճ Պարաշային հանգիստ թողնեմ։ Այդ համարյա թե մեր առաջին խոսակցությունն էր։ Ես, իհարկե, պատիվ համարեցի կատարել նրա ցանկությունը․ աշխատեցի, պարտված, խոցված ձևանալ, մի խոսքով, լավ կատարեցի իմ դերը։ Սկսվեցին հարաբերություններ, խորհրդավոր խոսակցություններ, հորդորանքներ, խրատներ, խնդրանքներ, աղերսանքներ, նույնիսկ արցունքներ, կհավատա՞ք, նույնիսկ արցունքներ։ Ահա թե ինչ ուժի է հասնում աղջիկներից ոմանց տենչը՝ խրատել ուրիշներին։ Իհարկե, ես ամեն ինչ վերագրեցի իմ բախտին, լույս տենչացող և դրան ծարավի ձևացա և ի վերջո գործադրեցի կնոջ սիրտը նվաճելու մեծագույն և հաստատուն միջոցը, մի միջոց, որ երբեք և ոչ ոքի չի խաբի և որը ազգում է բոլոր աղջիկների վրա, առանց որևէ բացառության։ Այդ միջոցը հայտնի է, դա շողոքորթությունն է։ Աշխարհում շիտակությունից ավելի դժվար և շողոքորթությունից ավելի դյուրին բան չկա։ Եթե շիտակության միայն մեկ հարյուրերորդական մասը կեղծ է, ապա իսկույն դիսոնանս է տեղի ունենում, և դրան հետևում է սկանդալը։ Իսկ եթե շողոքորթությունը նույնիսկ ամբողջովին կեղծ է, այդ դեպքում էլ դուրեկան է և հաճույքով է լսվում, թեկուզև կոպիտ հաճույքով։ Եվ որքան էլ կոպիտ լինի շողոքորթությունը, գոնե կիսով չափ անպայման ճշմարտություն է թվում։ Այդպես է լինում հասարակության զարգացման բոլոր աստիճաններում և նրա բոլոր խավերում։ Շողոքորթությամբ նույնիսկ վեստալուհուն էլ կարելի է գայթակղեցնել։ Իսկ սովորական մարդկանց մասին խոսելն էլ ավելորդ է։ Չեմ կարող առանց ծիծաղի հիշել, թե ինչպես մի անգամ գայթակղեցրի իր ամուսնուն, իր երեխաներին նվիրված և իր առաքինություններով տարված մի տիկնոջ։ Որքա՜ն զվարճալի էր գա և ինչպիսի՜ հեշտությամբ կատարվեց։ Տիկինը իսկապես որ գոնե յուրովի առաքինի էր։ Իմ ամբողջ տակտիկան այն էր, որ ես ուղղակի յուրաքանչյուր րոպե տառապյալ էի ձևանում և խոնարհվում էի նրա ողջախոհության առջև։ Ես թունդ շողոքորթում էի, ու հենց որ նա սեղմում էր ձեռքս և նայում ինձ, ես ինձ կշտամբում էի, որ այդ բանին ուժով եմ հասել, որ նա դիմադրում էր, այնպես էր դիմադրում, որ ես անշուշտ և երբեք ոչինչ չէի ստանա, եթե այսպես անբարոյական չլինեի, որ նա անմեղ լինելով, չէր նախատեսել իմ նենգամտությունը և առանց դիտավորության, ինքն էլ այդ չիմանալով, ենթարկվել էր ինձ և այլն, և այլն։ Մի խոսքով, ես ամեն ինչի հասա, իսկ տիկինս միանգամայն հավատացած էր մնում, թե ինքը անմեղ է ու ողջախոհ և կատարում է իր բոլոր պարտականությունները ու բոլորովին անսպասելիորեն է կործանվել։ Եվ որքա՜ն նա բարկացավ ինձ վրա, երբ ես վերջ ի վերջո նրան հայտարարեցի, թե իմ անկեղծ համոզմամբ նա էլ ճիշտ այնպես հաճույքներ էր փնտրում, ինչպես և ես։ Խեղճ Մարֆա Պետրովնան նույնպես շատ էր ենթարկվում շողոքորթության, ու եթե ես ուզենայի, ապա դեռ նրա կենդանության ժամանակ նրա ամբողջ կալվածքը գրել կտայի ինձ վրա։ (Սակայն ես սարսափելի շատ եմ գինի խմում և շաղակրատում)։ Հուսով եմ, որ դուք չեք բարկանա, եթե ես հիմա ասեմ, որ սկսվել էր նույնպիսի էֆեկտի իրագարծումը նաև Ավդոտյա Ռոմանովնայի նկատմամբ։ Բայց ես ինքս հիմար ու անհամբեր էի և փչացրի ամբողջ գործը։ Դեռ առաջ էլ մի քանի անգամ (առանձնապես մի անգամ) Ավդոտյա Ռոմանովնային բոլորովին դուր չեկավ իմ աչքերի արտահայտությունը, կհավատա՞ք դրան։ Մի խոսքով, աչքեբումս ավելի ու ավելի ուժեղ և անզգուշաբար էր բռնկվում որոշ չափի հուրը, որը վախեցնում էր նրան և ի վերջո նրա համար ատելի դարձավ։ Հարկ չկա պատմել մանրամասնությունները, թե ինչպես մենք անջատվեցինք։ Այստեղ ես դարձյալ հիմարացա։ Սկսեցի ամենակոպիտ կերպով ծաղրի առնել նրա բոլոր հորդորանքներն ու վարվեցողությունը. դարձյալ մեջտեղ եկավ Պարաշան, ինչպես և ուրիշները, մի խոսքով, սաստիկ աղմուկ ու ժխոր սկսվեց։ Օ, եթե դուք, Ռոդիոն Ռոմանովիչ, գեթ մի անգամ ձեր կյանքում տեսնեիք, թե ձեր քրոջ աչքերը ինչպես են երբեմն կայծկլտում։ Ի՛նչ արած, որ ես հիմա հարբած եմ և ահա արդեն մի ամրողջ բաժակ գինի եմ խմել, ես ճշմարտությունն եմ ասում, հավատացնում եմ ձեզ, որ այդ նայվածքը ես տեսնում էի երազումս, ի վերջո ես չէի կարողանում տանել նրա շրջազգեստի շրշյունը։ Ես կարծում էի, թե ընկնավոր կդառնամ, երբեք չէի երևակայել, թե կարող եմ այդպիսի մոլեգնության հասնել։ Մի խոսքով, անհրաժեշտ էր հաշտվել, բայց դա արդեն անկարելի էր։ Երևակայեցեք, թե ես այն ժամանակ ինչ արեցի, այ թե կատաղությունը մարդուն ինչ աստիճանի բթացման է հասցնում։ Կատաղած վիճակում երբեք և ոչ մի բան մի ձեռնարկեք, Ռոդիոն Ռոմանիչ։ Հաշվի առնելով, որ Ավդոտյա Ռոմանովնան իրոք աղքատ է (ախ, ներեցեք, ես չէի ուզում այդ խոսքն ասել... բայց չէ՞ որ միևնույն է, եթե նույն հասկացողությունն է արտահայտվում), մի խոսքով, իր ձեռքերի աշխատանքով է ապրում, պահում է մորը և ձեզ (ախ, սատանան տանի, դարձյալ նոթոտվում եք...), ես որոշեցի նրան առաջարկել իմ բոլոր փողերը (ես այն ժամանակ կարող էի տնօրինել մինչև երեսուն հազար ռուբլի), այն պայմանով, որ նա ինձ հետ փախչի թեկուզ այստեղ, Պետերբուրգ։ Հասկանալի է, որ ես այստեղ կխոստանայի հավերժական սեր, երանություն և այլն, և այլն։ Կհավատա՞ք, ես այն ժամանակ այնքան էի սիրահարվել, որ եթե նա ինձ ասեր՝ մորթիր կամ թունավորիր Մարֆա Պետրովնային և ամուսնացիր ինձ հետ, դա անմիջապես կկատարվեր։ Բայց ամեն ինչ կատաստրոֆով վերջացավ, դա արդեն հայտնի է ձեզ, ու ինքներդ կարող եք դատել, թե ես ինչպիսի կատաղության կարող էի հասնել, իմանալով, որ Մարֆա Պետրովնան այդ ժամանակ մեջտեղ էր բերել այդ ամենաստոր պաշտոնյային, Լուժինին, ու քիչ էր մնում հարսանիք սարքեր, որ էապես կլիներ նույնը, ինչ որ ես էի առաջարկում։ Այդպե՞ս է, այո՞, հո այդպե՞ս է։ Ես նկատում եմ, որ դուք սկսել եք ինչ-որ ուշադրությամբ լսել․․․ հետաքրքիր երիտասարդ եք...
Սվիդրիգայլովը անհամբերությամբ բռունցքը խփեց սեղանին։ Նա կարմրատակել էր։ Ռասկոլնիկովը պարզ տեսնում էր, որ նրա վրա թունդ ազդել էր մեկ կամ մեկուկես բաժակ շամպայնը, որ նա խմել էր կում֊կում, աննկատելիորեն։ Ռասկոլնիկովը որոշեց, օգտվել առիթից։ Սվիդրիգայլովը խիստ կասկածելի էր նրա համար։
— Սրանից հետո ես լիովին համոզված եմ, որ դուք իմ քրոջ համար եք ժամանել այստեղ,— ուղղակի և շիտակությամբ ասաց նա Սվիդրիգայլովին, որպեսզի էլ ավելի գրգռի նրան։
— Օֆ, բավական է,— ասես հանկարծ ուշքի եկավ Սվիդրիգայլովը,— ես հո ձեզ ասել եմ այդ մասին... և բացի դրանից, ձեր քույրը ինձ տանել չի կարողանում։
— Դե, ես դրանում համոզված եմ, այո, չի կարողանում տանել, բայց հիմա բանը այդ չէ։
— Դուք դրանում համոզվա՞ծ եք։ (Սվիդրիգայլովը կկոցեց աչքերը և հեգնանքով ժպտաց)։ Դուք իրավացի եք, նա ինձ չի սիրում, բայց երբեք երաշխավորված մի լինեք ամուսնու և կնոջ կամ սիրեկանի ու սիրուհու գործերում։ Այստեղ միշտ, լինում է մի հանգամանք, որը միշտ անհայտ է մնում ամբողջ աշխարհին և հայտնի է լինում միայն նրանg երկուսին։ Դուք հավատացա՞ծ եք, որ Ավդոտյա Ռոմանովնան ինձ զզվանքով էր նայում։
— Երբ դուք այդ մասին պատմում էիք, ձեր մի քանի խոսքերից ու արտահայտություններից ես նկատեցի, որ դուք հիմա էլ ինչ֊որ նպատակներ և բոլորովին անհետաձգելի դիտավորություններ ունեք Դունյայի նկատմամբ, դրանք, իհարկե, ստոր են։
— Ինչպե՜ս։ Ես բերանիցս այդպիսի խոսքեր և արտահայտություննե՞ր եմ թռցրել,— պարզամտորեն, վախեցած ասաց Սվիդրիգայլովը՝ ամենևին ուշադրություն չդարձնելով իր դիտավորությունները բնորոշող մակդիրի վրա։
— Դուք հիմա էլ եք դրանք թռցնում ձեր բերանից, ասացեք, ինչի՞ց եք այդպես վախենում։ Ինչո՞ւ հիմա հանկարծ վախեցաք։
— Ե՞ս եմ վախենում։ Ձեզնի՞ց։ Ավելի շուտ դուք կվախենաք ինձնից, cher ami։ Եվ ի՞նչ վայրահաչություն է սա... Սակայն ես հարբեցի, ես այդ տեսնում եմ. քիչ մնաց էլի բերանիցս բան թռցնեի։ Կորչի՛ գինին, է՛յ, ջո՛ւր։
Նա վերցրեց շիշը և առանց քաշվելու լուսամուտից դուրս շպրտեց։ Ֆիլիպը ջուր բերեց։
— Այդ բոլորը դատարկ բան է,— ասաց Սվիդրիգայլովը՝ թրջելով երեսսրբիչը և դնելով գլխին,— իսկ ես կարող եմ մի խոսքով լռեցնել ձեզ և ցրիվ տալ ու ոչնչացնել ձեր բոլոր կասկածանքները, Զորօրինակ, գիտե՞ք արդյոք, որ ես ամուսնանում եմ։
— Դուք այդ առաջ էլ եք ինձ ասել։
— Ասե՞լ եմ։ Մոռացա։ Բայց այն ժամանակ ես չէի կարող հաստատ ասել, որովհետև հարսնացու նույնիսկ չէի տեսել, ես միայն մտադրվում էի։ Իսկ հիմա ես արդեն հարսնացու ունեմ, գործը գլուխ է բերվել, ու եթե չլինեին անհետաձգելի գործերը, ես անպայման ձեզ կտանեի նրանց մոտ, որովհետև ուզում եմ ձեզնից խորհուրդ հարցնել։ Օֆ, գրողը տանի, ընդամենը տասը րոպե է մնում։ Տեսեք, նայեցեք ժամացույցին, սակայն ես ձեզ կպատմեմ իրողությունը, որովհետև հետաքրքիր բան է սա. իմ ամուսնությունը, այսինքն՝ յուրատեսակ հետաքրքիր, ո՞ւր, էլի գնո՞ւմ եք։
— Ոչ, ես արդեն հիմա չեմ գնա։
— Բոլորովի՞ն չեք գնա։ Տեսնենք։ Ես ձեզ այնտեղ կտանեմ, այդ ճշմարիտ է, միայն թե մի այլ ժամանակ, իսկ հիմա դուք շուտով գնալո՛ւ եք։ Դուք գնալու եք աջ կողմը, իսկ ես ձախ կողմը։ Դուք ճանաչո՞ւմ եք այն կնոջը, Ռեսսլիխին, հենց այն Ռեսսլիխին, որի բնակարանում հիմա ես ապրում եմ, հա՞, լսո՞ւմ եք։ Եվ ի՞նչ եք կարծում, հենց նա է, որի մասին ասում են, թե աղջիկ է, անմեղ աղջիկ, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ Հենց նա էլ գլուխ բերեց այս ամենը. ասում է՝ դու ձանձրանում ես, պետք է զվարճանալ։ Իսկ ես հո մռայլ, տխուր մարդ եմ։ Դուք կարծում եք ուրա՞խ եմ. ոչ, մռայլ եմ, վնաս չեմ տալիս, նստում եմ իմ անկյունում, պատահում է, որ երեք օր որևէ մեկի հետ չեմ խոսում։ Իսկ այդ Ռեսսլիխը խարդախ է, ես ձեզ կասեմ, թե ինչ մտադրություն ունի. ես կձանձրանամ, կթողնեմ կնոջս, իսկ կինս կընկնի նրա ճանկը, և նա կնոջս շրջանառության մեջ կդնի մեր խավերում և ավելի բարձր շրջաններում։ Ասում է՝ կա ուժից ընկած մի հայր, պաշտոնաթող աստիճանավոր, բազկաթոռից պոկ չի գալիս, երրորդ տարին է, որ չի կարողանում քայլել։ Ասում է՝ կա և մայր, խելոք մի կին։ Որդին ծառայում է ինչ-որ նահանգում, չի օգնում։ Մի աղջիկը ամուսնացել է և չի այցելում նրանց, իսկ նրանց խնամքի տակ գտնվում են ազգականների երկու երեխաներ (իբր թե իրենց երեխաները քիչ են), գիմնազիայից էլ վերցրել են դեռ դասընթացը չավարտած մյուս աղջկան, որի տասնվեց տարին կլրանա մի ամսից հետո, ուրեմն մի ամսից հետո կարելի է նրան ամուսնացնել։ Այսինքն թե ինձ հետ։ Գնացինք. որքա՜ն ծիծաղելի էր. ներկայանում եմ. կալվածատեր եմ, այրի, հայտնի տոհմից, այսինչ կապերը և կապիտալ ունեմ, ի՞նչ անենք որ ես հիսուն տարեկան եմ, իսկ աղջիկը տասնվեց։ Ո՞վ է դրան նայում։ Հըմ, հրապուրիչ բան է, չէ՞։ Հո հրապուրի՞չ է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Օ, մի տեսնեիք, թե ես ինչպես էի երկար ու բարակ խոսում հայրիկի և մայրիկի հետ։ Այդ ժամին հենց միայն ինձ նայելու համար վճարել էր հարկավոր։ Ներս է մտնում աղջիկը, ծնկածալ ողջույն է տալիս, կարո՞ղ եք պատկերացնել, դեռ կարճ շրջազգեստով է, դեռ չբացված կոկոն, շիկնում է, կարմրում ինչպես արշալույս (իհարկե, նրան ասել էին)։ Չգիտեմ թե դուք ինչպես եք վերաբերվում կանացի դեմքերին, բայց, ըստ իս այդ տասնվեցամյա հասակը, դեռ մանկական այդ աչիկները, այդ երկչոտությունը և ամոթխածության արցունքները՝ այդ ամենը գեղեցկությունից էլ լավ է, իսկ նա այդ բոլորով հանդերձ ուղղակի պատկեր է։ Շեկլիկ մազեր, փոքրիկ խոպոպիկներ հյուսած, փափլիկ, կարմիր շուրրեր, փոքրիկ տոտիկներ՝ սքանչելի՜ք․․․ Ծանոթացանք, ես հայտնեցի, որ շտապում եմ գնալ տնային գործերով, ու հետևյալ օրը, այսինքն՝ երեկ չէ մյուս օրը մենք նշանվեցինք։ Ու այնուհետև, երբ գնում եմ այնտեղ, նրան իսկույն նստեցնում եմ ծնկներիս և գուրգուրում... Կարմրում է արշալույսի պես, ու ես ամեն րոպե համբուրում եմ. մայրիկը, իհարկե խրատում է նրան, թե դա քո ամուսինն է և այդպես է պահանջվում, մի խոսքով, հիանալի բան։ Հիմիկվա իմ, փեսացուիս, այս վիճակը գուցե ավելի լավ է, քան ամուսնու վիճակը։ Այստեղ, ինչպես ասում են, առկա է la nature et la vérité<ref>Բնականությունը և անկեղծությունը (ֆրանս․)։</ref>֊ն, քա՛հ-քա՛հ։ Ես մի֊երկու անգամ զրուցել եմ նրա հետ. շատ խելոք աղջիկ է. երբեմն մի ակնթարթ այնպես է նայում ինձ, որ ուղղակի վառում է։ Գիտե՞ք, նրա դեմքը ասես Ռաֆայելի Մադոննայի դեմքը լինի։ Սիքստինյան Մադոննայի դեմքը հո ֆանտաստիկ է, սգավոր կնոջ դեմք է, դուք այդ չե՞ք նկատել։ Աղջկա դեմքն էլ այդպես է, հենց որ մեզ օրհնեցին, հետևյալ օրը ես տարա հազար հինգ հարյուր ոուբլու բրիլիանտե ու մարգարիտե զարդարանքներ, արդուզարդի արծաթե կանացի մի մեձ զարդատուփ այլևայլ պարագաներով, այնպես որ նրա, Մադոննայի դեմքը նույնիսկ թունդ շառագունեց, Երեկ ես նրան նստեցրի ծնկներիս, բայց երևի այդ արեցի խիստ անպատկառ, նա շիկնեց, արտասվեց, բայց ձայն չի հանում, կրակի պես վառվում է։ Մի րոպե բոլորը գնացին, հանկարծ ընկնում է վզովս (հենց ինքը առաջին անգամ), գրկում է ինձ երկու ձեռքով, համբուրում է ու երդվում, որ ինձ հնազանդ, հավատարիմ ու բարի կին կլինի, որ կերջանկացնի ինձ, որ ինձ կնվիրի իր ամբողջ կյանքը, իր կյանքի ամեն մի րոպեն, ամեն, ամեն ինչ կզոհաբերի, իսկ այդ բոլորի համար ցանկանում է ''միայն իմ հարգանքը'', ու ասում է՝ «էլ ուրիշ ոչինչ, ոչինչ, ոչինչ հարկավոր չէ, ոչ մի նվեր»։ Ինքներդ համաձայնեցեք, թե որքան հրապուրիչ է նման խոստովանություն լսել շղարշե շրջազգեստ հագած, սիրունիկ խոպոպիկներով, աղջկական ամոթխածությունից շիկնող, հուզմունքից արտասվող, տասնվեցամյա այդ հրեշտակից։ Հո հրապուրի՞չ է, հո մի բան արժե՞, հը՞։ Իհարկե, արժե։ Լավ... Մի լսեք․․․ Կգնանք հարսնացուիս մոտ․․․ բայց ոչ հիմա։
— Մի խոսքով, հասակի ու զարգացման հենց այդ հրեշավոր տարբերությունն էլ ձեր մեջ պագշոտություն է գրգռում։ Եվ մի՞թե դուք իրոք այդպես էլ կամուսնանաք։
― Ի՛նչ կա որ։ Անպայման։ Ամեն ոք իր գործը գիտե և բոլորից ավելի ուրախ է ապրում նա, ով բոլորից ավելի լավ է կարողանում ինքն իրեն խաբել։ Քա՛հ֊քա՛հ, էլ ի՞նչ եք այդպես առաքինությունից կառչել։ Խնայեցեք, պատվելի, ես մեղսոտ մարդ եմ։ Քա՛հ-քա՛հ֊քա՛հ։
— Դուք այնուամենայնիվ տեղավորեցիք Կատերինա Իվանովնայի երեխաներին։ Սակայն․․․ սակայն դուք դրա համար պատճառներ ունեիք․․․ ես հիմա ամեն ինչ հասկանում եմ։
— Ես առհասարակ սիրում եմ երեխաներին, ես շատ եմ սիրում երեխաներին,― քրքջաց Սվիդրիգայլովը։— Այդ մասին ես նույնիսկ կարող եմ ձեզ պատմել շատ հետաքրքիր մի միջադեպ, որը մինչև հիմա էլ շարունակվում է։ Ժամանելուցս հետո հենց առաջին որը ես գնացի այլևայլ անբարոյական, կեղտոտ տեղեր, յոթ տարի գյուղում լինելուց հետո ուղղակի նետվեցի այդ տեղերը։ Դուք երևի նկատում եք, որ ես չեմ շտապում հանդիպել իմ ընկերախմբին, առաջվա բարեկամներիս ու ընկերներիս։ Որքան կարելի է, նրանցից երկար ժամանակ հեռու կմնամ։ Գիտե՞ք, Մարֆա Պետրովնայի մոտ, գյուղում ինձ մեռցնելու չափ մաշեցին հիշողությունները բոլոր այդ խորհրդավոր տեղերի ու վայրերի մասին, ուր շատ բան կարող է գտնել նա, ով ծանոթ է դրանց։ Սատանան տանի, մարդիկ հարբեցողություն են անում, կրթված երիտասարդությունը անգործությունից տարվում է անիրագործելի երազներով ու անուրջներով, այլանդակվում թեորիաներով, որտեղից որտեղ ջհուդներ են մեջտեղ եկել, թաքցնում են փողերը, իսկ մյուսները բոլորն էլ անառակություն են անում։ Այս քաղաքը հենց առաջին ժամերից ինձ վրա փչեց ծանոթ հոտը։ Ես եղա այսպես կոչված մի պարերեկույթում, սարսափելի կեղտոտ միջավայրում (իսկ ես սիրում եմ այդպիսի կեղտոտ տեղերը), դե իհարկե, կատարվում էր կանկան՝ ֆրանսիական անհամեստ պար, որի նմանը չկա և որը առաջ այստեղ չի եղել։ Ահա քեզ առաջադիմություն։ Հանկարծ տեսնում եմ, որ հաճելի հագնված, տասներեք տարեկան մի աղջիկ պարում է մի վիրտուոզի հետ. մի ուրիշն էլ դեմուդեմ նրան է նայում։ Պատի տակ, աթոռին նստել է աղջկա մայրը։ Կարող եք պատկերացնել, թե ինչ էր այդ կանկանը։ Աղջիկը շփոթվում է, կարմրում, վերջապես, դա իր համար վիրավորական է համարում և սկսում է լաց լինել։ Վիրտուոզը վերցնում է նրան, սկսում է պտտել և նրա առջև ծամածռություններ անել, շուրջը բոլորը քրքջում են. այդպիսի վայրկյաններին սիրում եմ թեկուզև նույնիսկ կանկանային հասարակությանը. հա՛, քրքջում են ու գոչում՝ «Տեղն է, այդպես էլ հարկավոր է, թող երեխաներին չբերեն»։ Էհ, թքած դրա վրա, իմ ի՞նչ գործն է, տրամաբանական է դա, թե ոչ, նրանք իրենք են սփոփվում։ Ես իսկույն ինձ համար տեղ նշեցի, նստեցի մոր մոտ, ասացի, որ ես եկվոր եմ, որ այստեղ մարդիկ անքաղաքավարի են, չգիտեն գնահատել իսկական արժանիքները և պատշաճ հարգանք տածել, հասկացրի, որ շատ փող ունեմ, առաջարկեցի նրանց տուն տանել իմ կառեթով. տուն հասանք, ծանոթացա (տեղավորվել են տնվորներից վարձած ինչ-որ խցիկում, հենց նոր են ժամանել)։ Թե մայրը և թե դուստրը հայտարարեցին, որ ինձ հետ ծանոթանալը կարող են ընդունել ոչ այլ կերպ, քան որպես պատիվ, իմացա, որ նրանք մի չոփ էլ չունեն, ժամանել են ինչ֊որ բան խնդրելու ինչ-որ ատյանից, առաջարկում եմ փող, իմ ծառայությունները, իմանում եմ, որ նրանք սխալմամբ են գնացել երեկույթին, կարծելով, թե այնտեղ իրոք պարեր են սովորեցնում, առաջարկում եմ իմ աջակցությամբ, որպեսզի դեռահաս աղջիկը ֆրանսերեն և պարեր սովորի։ Դա ցնծությամբ են ընդունում, պատիվ են համարում։ Մինչև հիմա էլ ծանոթ եմ... Ուզո՞ւմ եք գնանք, միայն թե մի ուրիշ ժամանակ։
— Թողեք, թողեք ձեր ստոր, անվայել անեկդոտները, անառակ, ստոր, վավաշոտ մարդ։
— Շիլլեր եք, Շիլլեր, մեր Շիլլերն եք։ Où va-t-elle la vertu se nicher<ref>Որտեղ միայն բույն չի դնում առաքինությունը (ֆրանս․)։</ref>, գիտե՞ք, ես պետք է ձեզ դիտմամբ այսպիսի բաներ պատմեմ, որպեսզի լսեմ ձեր ճչոցները։ Հաճույք է։
— Դե, իհարկե, մի՞թե այս րոպեին ես ինքս ինձ համար ծիծաղելի չեմ,— բարկությամբ քրթմնջաց Ռասկոլնիկովը։
Սվիդրիգայլովը բարձր քրքջում է, վերջապես, կանչեց Ֆիլիպին, վճարեց ու վեր կացավ։
— Օֆ, ինչպե՛ս հարբած եմ, assez causé<ref>Բավական խոսեցինք (ֆրանս․)։</ref>, հաճույք էր,— ասաց նա։
— Էլ ինչպե՛ս հաճույք չզգայի՛ք։— Գոչեց Ռասկոլնիկովը, նույնպես վեր կենալով,— մի՞թե մի որևէ հրեշավար դիտավորություն ունեցող, փչացած անառակի համար այդպիսի արկածների մասին պատմելը հաճույք չէ․ այն էլ այսպիսի հանգամանքներում ինձ նման մարդուն պատմելը․․․ Ոգևորի՛չ է։
— Էհ, եթե այդպես է,— նույնիսկ մի փոքր զարմացած պատասխանեց Սվիդրիգայլովը,— եթե այդպես է, ապա դուք ինքներդ էլ կարգին ցինիկ եք։ Գոնե ահագին նյութ եք պարունակում ձեր մեջ։ Կարող եք շատ, շատ բան գիտակցել.... դե, դուք շատ բան անել էլ կարող եք։ Սակայն բավական է։ Անկեղծորեն ցավում եմ, որ ձեզ հետ քիչ խոսեցի, բայց դուք ինձնից չեք պրծնի... Դեռ սպասեցեք...
Սվիդրիդայլովը պանդոկից դուրս եկավ։ Ռասկոլնիկովը հետևեց նրան։ Սվիդրիգայլովը, սակայն, այնքան էլ հարբած չէր. գինին միայն մի ակնթարթ էր խփել գլխին, գինովությունը հետզհետե անցնում էր։ Նա խիստ մտահոգված էր ինչ-որ բանով, չափազանց կարևոր ինչ֊որ բանով, ու մռայլվում էր։ Ըստ երևույթին սպասելիք ուներ, և դա նրան հուզում էր ու անհանգստացնում։ Ռասկոլնիկովի ներկայության վերջին րոպեներին նա հանկարծ մի տեսակ փոխվեց և րոպե առ րոպե կոպտանում էր ու հեգնանք արտահայտում։ Ռասկոլնիկովը նկատեց այդ ամենը և նույնպես անհանգիստ էր։ Սվիդրիգայլովը խիստ կասկածելի դարձավ նրա համար և նա որոշեց հետապնդել այդ մարդուն։
Նրանք փողոցում էին։
— Դուք գնում եք աջ, իսկ ես՝ ձախ կողմը, կամ թերևս ընդհակառակը, էհ, adieu, mon plaisir<ref>Մնաք բարով, անուշիկս (ֆրանս․)։</ref>, մինչև բերկրալի տեսակցություն։
Եվ նա գնաց աջ, դեպի Սեննայա հրապարակը։
== V ==