Changes
/* VI */
== VI ==
Այդ ամբողջ երեկոն մինչև ժամը տասը նա անցկացրեց զանազան պանդոկներում և անբարո տեղերում՝ անցնելով մեկից մյուսը։ Որտեղից որտեղ հայտնվեց նաև Կատյան, որը այս անգամ երգում էր մի ուրիշ լակեյական երգ այն մասին, թե ինչպես «ստոր և բռնակալ» ինչ֊որ մեկը
Սկսեց համբուրել Կատյային։
Սվիդրիգայլովը խմեցրեց թե՛ Կատյային, թե՛ երգեհոնահարին, երգիչներին, սպասավորներին և թե՛ երկու ինչ֊որ գրագիրների։ Այդ գրագիրների հետ նա գլուխ դրեց հատկապես այն պատճառով, որ նրանք երկուսն էլ ծուռ քթերով էին. մեկի քիթը ծռված էր աջ կողմը, մյուսինը՝ ձախ կողմը։ Դա ապշեցրեց Սվիդրիգայլովին։ Ի վերջո գրագիրները նրան տարան մի ինչ֊որ զվարճացուցիչ այգի, որտեղ նա վճարեց մուտքի և այլ ծախսերի համար։ Այդ այգում կար մի բարալիկ, եռամյա եղևնի և երեք թուփ։ Կառուցված էր «դահլիճ», փաստորեն օղետուն, բայց այնտեղ կարելի էր նաև թեյ ստանալ, մի քանի կանաչ սեղաններ և աթոռներ էին դրված։ Հաճախորդներին զվարճացնում էր վատ երգիչների խումբը, ինչպես և մյունխենցի մի հարբած, կարմրաքիթ գերմանացի, որը ծաղրածուի էր նմանվում և չգիտես ինչու խիստ տխուր տեսք ուներ։ Գրագիրները վեճի բռնվեցին ուրիշ ինչ-որ գրագիրների հետ և քիչ մնաց տուրուդմբոց սարքեին։ Սվիդրիգայլովին նրանք դատավոր ընտրեցին, Քառորդ ժամ դատում էր նա, բայց նրանք այնպես էին բղավում, որ բոլորովին հնարավոր չէր որևէ բան հասկանալ։ Իսկությունն այն էր, որ նրանցից մեկը ինչ-որ իր էր գողացել և նույնիսկ տեղնուտեղը ծախել վրա հասած ջհուդի. բայց, ծախելով, չուզեց բաժին հանել իր ընկերոջը։ Ի վերջո պարզվեց, որ վաճառված իրը թեյի գդալ էր, պատկանում էր օղետանը։ Այստեղ իմացան այդ, ու գործը է՛լ ավելի բարդացավ։ Սվիդրիգայլովը վճարեց գդալի արժեքը, վեր կացավ և դուրս ելավ այգուց։ Ժամը մոտ տասն էր։ Այդ ամբողջ ժամանավա ընթացքում նա ոչ մի կաթիլ գինի չխմեց, միայն թեյ պահանջեց, այն էլ պատշաճություն պահպանելու համար։ Երեկոն հեղձուցիչ էր ու մռայլ։ Մինչև ժամը տասը բոլոր կողմերից ահավոր սև ամպեր կուտակվեցին, պայթեց որոտը, ու ջրվեժի պես անձրև թափվեց։ Անձրևաջուրը ոչ թե կաթիլներով էր տեղում, այլ առատորեն հոսում, խփում էր գետնին։ Րոպե առ րոպե շողշողում էր կայծակը, ու մի ցոլքից մինչև մյուսը կարելի էր հաշվել մինչև հինգը։ Սվիդրիգայլովը ամբողջովին թրջված հասավ տուն, փակեց դուռը, բացեց իր բյուրոն, հանեց իր բոլոր փողերը և պատառոտեց երկու-երեք թուղթ։ Այնուհետև փողերը դնելով գրպանը, նա ուզեց փոխել հագուստը, բայց նայելով պատուհանից ու ականջ դնելով ամպրոպին ու անձրևին, ձեռքը թափ տվեց, վերցրեց լայնեզր գլխարկը ու դուրս ելավ առանց բնակարանը փակելու։ Նա գնաց ուղղակի Սոնյայի մոտ։ Սոնյան տանն էր։
Նա մենակ չէր. նրա մոտ էին Կապերնաումովի չորս փոքրիկ երեխաները։ Սոֆյա Սեմյոնովնան նրանց թեյ էր խմեցնում։ Նա լուռ և քաղաքավարի դիմավորեց Սվիդրիգայլովին, զարմանքով դիտեց նրա թրջված հագուստը, բայց ոչ մի խոսք չասաց։ Անասելի սարսափով բռնված երեխաները անմիջապես դուրս փախան։
Սվիդրիգայլովը նստեց սեղանի մոտ, իսկ Սոնյային խնդրեց նստել իր կողքին։ Սոնյան երկչոտությամբ պատրաստվեց նրան լսելու։
— Ես, Սոֆյա Սեմյոնովնա, գուցե մեկնեմ Ամերիկա ասաց Սվիդրիգայլովը,— ու քանի որ մենք հավանորեն վերջին անգամ ենք տեսնվում, ես եկա մի երկու կարգադրություն անելու։ Դուք այսօր տեսե՞լ եք այն տիկնոջը։ Ես գիտեմ, թե նա ձեզ ինչ է ասել, հարկ չկա կրկնել (Սոնյան ինչ-որ շարժում արեց ու կարմրեց)։ Դրանք որոշ կերտվածքի մարդիկ են։ Ինչ վերաբերում է ձեր քույրիկներին ու եղբորը, նրանք իրոք տեղավորված են, նրանց հասանելիք փողերը ամեն մեկի համար ես ստորագրությամբ հանձնել եմ ուր հարկն է, վստահելի ձեռքեր։ Դուք, սակայն, այս ստորագրությունները համենայն դեպս վերցրեք ձեզ մոտ։ Ահա, վերցրեք։ Ը-ըմ, սա վերջացրինք։ Ահա հինգ տոկոսանոց երեք տոմս, ընդամենը երեք հազար ռուբլու։ Սրանք վերցրեք ձեզ, հատկապես ձեզ, և թող սա մեր մեջ մնա, թող ոչ ոք չիմանա, ինչ էլ որ դուք հետո լսեք։ Դրանք ձեզ հարկավոր կլինեն, որովհետև, Սոֆյա Սեմյոնովնա, ձեզ համար լավ չէ առաջվա պես ապրել և հիմա, հիմա այդպես ապրելու կարիք չի լինի։
— Դուք այնքա՜ն բարերարություն եք արել ինձ, որբերին ու հանգուցյալ մորը, ու եթե մինչև այժմ ես ձեզնից քիչ եմ շնորհակալ եղել... ներողամիտ եղեք։
— Էհ, այդ դատարկ բան է։
— Իսկ այս փողերի համար, Արկադի Իվանովիչ, ես ձեզնից շատ շնորհակալ եմ, բայց ես հիմա դրանց կարիքը չեմ զգում։ Ես ինձ միշտ էլ կկարողանամ կերակրել։ Սա իմ կողմից ապերախտություն մի համարեք, եթե դուք այդպես բարերար եք, ապա այդ փողերը...
— Ձեղ, ձեզ պետք է պատկան են, Սոֆյա Սեմյոնովնա, և խնդրում եմ այդ մասին երկար չխոսենք, որովհետև ես նույնիսկ Ժամանակ էլ չունեմ։ Ձեզ հարկավոր կլինեն։ Ռոդիոն Ռոմանիչի առջև երկու ճանապարհ կա. կամ ինքնասպանություն գործել, կամ գնալ Վլադիմիրկայով՝ (Սոնյան սարսափած նայեց նրան և դողաց)։ Մի անհանգստանաք, ես ամեն ինչ իմացել եմ և հենց նրանից, Ռասկոլնիկովից, ես լեզվիցս թույլ չեմ, ոչ ոքի չեմ ասի։ Դուք նրան լավ եք սովորեցրել, որ ուր հարկն է մեղա գա։ Այդ նրա համար շատ ավելի ձեռնտու կլինի։ Երբ բանը այդտեղ հասնի, նա կգնա Վլադիմիրկայով, իսկ դուք էլ հո կգնաք նրա ետևից, այնպես չէ՞, հո այդպե՞ս է։ Դե որ այդպես է, ուրեմն փողերը հարկավոր կլինեն։ Հենց նրա համար հարկավոր կլինեն, հասկանո՞ւմ եք։ Տալով ձեզ, ես միևնույն է, թե նրան եմ տալիս։ Բացի այդ, դուք խոստացել եք Ամալյա Իվանովնային պարտք վճարել, ես այդ լսել եմ։ Այդ ի՞նչ է, Սոֆյա Սեմյոնովնա, դուք առանց մտածելու այդպիսի պայմաններ ու պարտավորություններ եք վերցնում ձեզ վրա. չէ՞ որ Կատերինա Իվանովնան է պարտք մնացել այդ գերմանուհուն, և ոչ թե դուք, դե ուրեմն թքեիք գերմանուհու վրա։ Չի կարելի այդպես ապրել աշխարհում։ Հա՛, եթե ձեզ երբևէ, ասենք վաղը կամ մյուս օրը որևէ մեկը կհարցնի իմ մասին (ձեզ իհարկե կհարցնեն), դուք մի ասեք, որ ես ձեզ մոտ եկա, փողը բնավ մի ցույց տաք և ոչ ոքի մի ասեք, որ ես եմ տվել։ Դեհ, ցտեսություն։ (Սվիդրիգայլովը վեր կացավ աթոռից)։ Բարևեցեք Ռոդիոն Ռոմանիչին։ Հա՛, փողը առայժմ թողեք պարոն Ռազումիխինի մոտ։ Ճանաչո՞ւմ եք պարոն Ռազումիխինին։ Իհարկե, ճանաչում եք։ Ոչինչ, մարդ է, էլի։ Վաղը կամ... մի ուրիշ օր փողը տարեք ու պահ տվեք նրան։ Իսկ մինչ այդ հուսալի տեղ պահեցեք։
Սոնյան նույնպես վեր կացավ աթոռից և վախեցած նայեց նրան։ Նա շատ էր ուզում ինչ֊որ բան ասել, ինչ֊որ հարց տալ, բայց առաջին րոպեներին չհամարձակվեց և չգիտեր էլ, թե ինչից սկսի։
— Հապա դուք... դուք հիմա, այսպիսի անձրևին ինչպե՞ս պիտի գնաք։
— Ամերիկա մեկնողը անձրևից չի վախենա, քա՛հ֊քա՛հ։ Մնաք բարով, աղավնյակ, Սոֆյա Սեմյոնովնա։ Ապրեցեք, շատ ապրեցեք, դուք ուրիշներին հարկավոր կլինեք։ Հա՛... ասացեք պարոն Ռազումիխինին, որ ես պատվիրեցի բարևել իրեն։ Հենց այսպես էլ հաղորդեցեք՝ Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլովը բարևում է։ Անպայման ասացեք։
Սվիդրիգայլովը գնաց՝ Սոնյային թողնելով ապշած, վախեցած վիճակում և ինչ֊որ անորոշ ու ծանր կասկածանքների մեջ։
Հետո պարզվեց, որ այդ նույն երեկոյան, մոտ ժամը տասներկուսին, նա խիստ տարօրինակ և անակնկալ մի այցելություն էլ էր կատարել։ Անձրևը դեռ չէր դադարում։ Ամբողջովին թրջված, նա տասնմեկից քսան րոպե անց գնաց իր հարսնացուի ծնողների բնակարանը, որ գտնվում էր Վասիլևսկի կղզում, երրորդ փողոցի և Փոքր պողոտայի անկյունում։ Հազիվ կարողացավ բաց անել տալ դուռը և սկզբում մեծ իրարանցում առաջացրեց։ Բայց Արկադի Իվանովիչը երբ ուզում էր, խիստ հրապուրիչ շարժուձևերով մարդ էր լինում, այնպես որ, անմիջապես փարատվեց հարսնացուի խելամիտ ծնողների սկզբնական (թեև բավական սրամիտ) ենթադրությանը, թե Արկադի Իվանովիչը որևէ տեղ այնքան է կոնծել ու հարբել, որ ինքն իրեն կորցրել է։ Հարսնացուի գթասիրտ ու խոհեմ մայրը Արկադի Իվանովիչի մոտ քշեց այն բազկաթոռը, որի վրա նստած էր ուժասպառ հայրը, և ըստ սովորության, իսկույն սկսեց մի քանի կողմնակի հարցեր տալ։ Այդ կինը անմիջականորեն գործին վերաբերող հարցեր երբեք չէր տալիս, այլ միշտ մեջտեղ էր բերում ժպիտները և ձեռքերի շփումները, իսկ հետո, եթե հարկավոր էր անպայման ու հաստատապես որևէ բան իմանալ, օրինակ, թե Արկադի Իվանովիչը երբ է նշանակելու հարսանիքը, ապա սկսում էր մեծագույն հետաքրքրությամբ և նույնիսկ ագահորեն հարցեր տալ Փարիզի և այնտեղի պալատական կյանքի մասին, և միայն դրանից հետո, հետզհետե հասնում էր Վասիլևսկի կղզու երրորդ փողոցը)։ Ուրիշ ժամանակ այդ ամենը, իհարկե, հարգանքով էր ընդունվում, բայց այս անգամ Արկադի Իվանովիչը մի առանձին անհամբերություն ցուցաբերեց և կտրականապես ցանկություն հայտնեց տեսնել հարսնացուին, թեև նրան հենց սկզբից ասել էին, որ հարսնացուն արդեն պառկել է քնելու։ Իհարկե, հարսնացուն եկավ։ Արկադի Իվանովիչը ուղղակի հաղորդեց նրան, որ ինքը պետք է խիստ կարևոր մի գործով առժամապես մեկնի Պետերբուրգից, դրա համար էլ նրան բերել է տասնհինգ հազար ռուբլու այլևայլ արժեթղթեր և խնդրում է դրանք ընդունել իբրև նվեր, քանի որ ինքը վաղուց մտադրվել էր այդ չնչին բանը հարսանիքից առաջ նվիրել նրան։ Այս բացատրությունները, իհարկե, բնավ չէին ապացուցում, թե մի առանձին տրամաբանական կապ կար նվերի, անհապաղ մեկնումի և անպայման անձրևի ժամանակ ու կեսգիշերին գալու միջև, սակայն գործը միանգամայն լավ գնաց։ Նույնիսկ առավելապես անհրաժեշտ ախուվախը, հարցուփորձը և զարմանքը հանկարծ արտասովոր կերպով չափավոր զուսպ դարձան. եկվորին ամենաջերմ շնորհակալություն հայտնվեց, և խելամիտ մոր աչքերում արցունքներ երևացին։ Արկադի Իվանովիչը վեր կացավ, ծիծաղեց, համբուրեց հարսնացուին, շոյեց նրա այտը, ասաց, որ շուտով կժամանի, ու նրա աչքերում նկատելով թեպետև մանկական հեաաքրքրություն, բայց դրա հետ մեկտեղ նաև մի ինչ֊որ շատ լուրջ, լռին հարց, մի փոքր մտածեց, նորից համբուրեց նրան և հենց այստեղ սրտնեղեց, որ ողջամիտ մայրը անմիջապես փակի տակ է պահելու նվերը։ Նա գնաց՝ բոլորին թողնելով խիստ հուզված վիճակում։ Բայց սրտացավ մայրիկը իսկույն ևեթ ցածրաձայն և արագ-արագ խոսելով, փարատեց որոշակի, խորին տարակուսանքները, ասելով, որ Արկադի Իվանովիչը մեծ մարդ է, գործեր ու կապեր ունեցող, հարուստ մարդ է, աստված գիտե, թե ինչ կա նրա գլխում, խելքին փչեց մեկնել և մեկնեց, խելքին փչեց փողը տալ և տվեց, և ուրեմն չպետք է զարմանալ։ Իհարկե, տարօրինակ է, որ նա ամբողջովին թրջված էր, բայց, օրինակ, անգլիացիները է՛լ ավելի տարօրինակ են լինում, և այդ բոլոր բարձր կարգի մարդիկ ուշադրություն էլ չեն դարձնում, թե իրենց մասին ինչ են ասում, ու ոչնչից էլ չեն քաշվում։ Գուցե նա դիտմամբ է այդպես ման գալիս, որպեսզի ցույց տա, թե ոչ ոքից չի վախենում։ Գլխավորը՝ այդ մասին ոչ ոքի ոչ մի խոսք չպետք է ասել, որովհետև աստված գիտե դրանից ինչ դուրս կգա, իսկ փողը պետք է շուտ դնել փակի տակ, և իհարկե այս ամենի մեջ ամենից լավն այն է, որ Ֆեդոսյան խոհանոցում էր գտնվում, և որ գլխավորն է, բոլորովին, բոլորովին, բոլորովին ոչինչ չպետք է հաղորդել այն խարդախ Ռեսսլիխին և այլն, և այլն։ Նստեցին և կամացուկ խոսեցին մինչև ժամը երկուսը։ Զարմացած և մի քիչ տխուր հարսնացուն ավելի շուտ էր գնացել քնելու։
Մինչ այս, մինչ այն, Սվիդրիգայլովը ուղիղ կեսգիշերին անցավ № կամուրջը և գնաց դեպի Պետերբուրգյան կողմը։ Անձրևը դադարեց, բայց քամին աղմկում էր։ Սվիդրիգայլովը սկսում էր դողալ, ու մի րոպե ինչ-որ առանձին հետաքրքրությամբ և նույնիսկ տարակուսանքով նայեց Մալայա Նևայի սև ջրին։ Բայց շուտով նրան թվաց, որ ջրափում խիստ ցուրտ է. շուռ եկավ ու գնաց դեպի № պողոտան։ Նա շատ երկար, համարյա կես ժամ քայլում էր անծայրածիր № պողոտայով, մթության մեջ հաճախ սայթաքելով փայտե սալարկի վրա, բայց շարունակում էր հետաքրքրությամբ ինչ֊որ բան փնարել պողոտայի աջ կողմում։ Վերջին օրերում այստեղից կառքով անցնելիս մի տեղ, արդեն պողոտայի ծայրում նա նկատել էր փայտաշեն, բայց մեծ մի հյուրանոց, ու որքան հիշում էր, հյուրանոցի անունը կարծես թե Ադրիանոպոլ էր։ Նա չսխալվեց իր հաշիվների մեջ. հյուրանոցը այդ խուլ վայրում այնքան էր աչքի ընկնում, որ անկարելի էր այն չգտնել նույնիսկ խավարում։ Այդ մի երկարաձիգ, փայտե, սևացած շենք էր, որտեղ դեռ լույսեր կային և որոշ աշխուժություն էր տիրում, չնայած ուշ ժամին։ Նա ներս մտավ ու միջանցքում իրեն դիմավորող սպասավորից համար խնդրեց։ Վերջինս հայացքով չափեց Սվիդրիգայլովին, աշխուժացավ և իսկույն նրան տարավ մի հեռու, խեղդուկ և փոքր համար, որ գտնվում էր միջանցքի ծայրում, անկյունում, սանդուղքի տակ։ Ուրիշ ազատ համար չկար. բոլոր համարները զբաղեցրած էին։ Սպասավորը հարցականորեն նայում էր եկվորին։
— Թեյ կա՞,— հարցրեց Սվիդրիգայլովը։
— Այդ կարելի է։
— Էլ ի՞նչ կա։
— Հորթի միս, օղի, խորտիկներ։
— Բեր հորթի միս և թեյ։
— Ուրիշ ոչինչ հարկավոր չէ՞,— նույնիսկ մի փոքր տարակուսելով, հարցրեց սպասավորը։
— Ոչինչ, ոչինչ։
Սպասավորը գնաց իսպառ հիասթափված։
«Երևի լավ տեղ է,— մտածեց Սվիդրիգայլովը,— ինչպե՛ս է, որ ես չգիտեի։ Երևի ես որևէ կաֆե-շանտանից վերադարձող, բայց ճանապարհին անախորժություն ունեցած մարդու տեսք ունեմ։ Հետաքրքիր է, սակայն, թե ովքեր են այստեղ իջևանում և գիշերում»։
Նա վառեց մոմը և մանրազնին դիտեց համարը։ Դա շատ փոքր մի վանդակ էր, առաստաղը Սվիդրիգայլովի հասակից էլ բարձր չէր, կար մի պատուհան. անկողինը խիստ կեղտոտ էր, հասարակ, ներկած սեղանն ու աթոռը բռնել էին համարյա ամբողջ տարածությունը։ Պատերը կարծես իրար կպցրած տախտակներից էին, պաստառները կեղտոտված էին, այնքան փոշոտ ու քրքրված, որ նրանց գույնը (դեղին) հազիվ կարելի էր որոշել, իսկ նախշերը բոլորովին աննկատելի էին դարձել։ Մի պատը ցածր էր, և առաստաղը ծռված էր դրա վրա, ինչպես այդ սովորաբար լինում է ձեղնահարկերում, իսկ այդ ծռվածքի վերևում ձգվում էր սանդուղքը։ Սվիդրիգայլովը մոմը դրեց սեղանին, նստեց մահճակալի վրա և մտածմունքի մեջ ընկավ։ Վերջապես, նրա ուշադրությունը գրավեց հարևան վանդակից լսվող փսփսոցը, որ երբեմն սաստկանում և համարյա ճչոցի էր հասնում։ Այդ փսփսոցը չէր դադարում այն րոպեից սկսած, երբ նա ներս մտավ։ Նա ականջ դրեց։ Ինչ-որ մեկը նախատում և համարյա լալով կշտամբում էր մի ուրիշին, բայց միայն ձայնն էր լսվում։ Սվիդրիգայլովը վեր կացավ, ձեռքով ծածկեց մոմը, ու պատի մեջ լուսավորված ճեղք նկատեց, մոտեցավ ու սկսեց նայել։ Հարևան համարում, որը նրա համարից մի քիչ մեծ էր, կար երկու հաճախորդ։ Նրանցից մեկը, որ առանց սերթուկի էր, խիստ գանգուր մազերով և կարմիր, բորբոքված դեմքով, կանգնել էր հռետորի կեցվածքով, ոտքերը իրարից հեռու դրած, որպեսզի պահպաներ հավասարակշռությունը, ու ձեռքը խփելով կրծքին, թունդ կշտամբում էր մյուսին, որ սա մուրացկան է և նույնիսկ աստիճան էլ չունի, որ ինքը նրան փրկել է կեղտոտությունից, որ երբ ուզենա, կարող է վռնդել նրան և որ այդ ամենը միայն ամենաբարձրյալի աչքն է տեսնում։ Կշտամբանքի ենթարկվողը նստել էր աթոռին և այնպիսի մարդու տեսք ուներ, որը շատ է ուզում փռշտալ, բայց այդ նրան ոչ մի կերպ չի հաջողվում։ Երբեմն նա պղտոր և ոչխարի հայացքով նայում էր հռետորին, բայց ակներև էր, որ ոչ մի հասկացողություն չուներ, թե ինչի մասին է խոսքը, ու նույնիսկ հազիվ թե որևէ բան էր լսում։ Սեղանի վրա վառվում֊վերջանում էր մոմը, դրված էին օղու համարյա դատարկ մի գրաֆին, ըմպանակներ, հաց, բաժակներ, վարունգներ և արդեն վաղուց խմած թեյի ամանեղենը։ Ուշադրությամբ գիտելով այդ տեսարանը, Սվիդրիգայլովը անտարբերությամբ ետ քաշվեց պատի ճեղքից ու դարձյալ նստեց մահճակալին։
Սպասավորը վերադարձավ, բերելով թեյ և հորթի միս, ու չկարողացավ զսպվել ու չհարցնել՝ «Էլ ուրիշ ոչինչ հարկավոր չէ՞», ու նորից բացասական պատասխան լսելով, վերջնականապես հեռացավ։ Սվիդրիգայլովը տաքանալու համար մի բաժակ թեյ խմեց, բայց չկարողացավ թեկուզ մի պատառ ուտել, որովհետև բոլորովին կորցրել էր ախորժակը։ Ըստ երևույթին սկսվում էր տենդը։ Նա հանեց վերարկուն, ժակետը, փաթաթվեց վերմակով ու պառկեց անկողնում։ Նա սրտնեղում էր. «Գոնե այս անգամ առողջ լինեի», մտածեց նա և քմծիծաղ տվեց։ Սենյակում օդը ծանր էր. մոմը աղոտ էր վառվում, դրոում աղմկում էր քամին, ինչ֊որ մի տեղ, անկյունում քստքստացնում էր մուկը, ու ամբոզջ սենյակում էլ կարծես մկան և ինչ֊որ կաշվեղենի հոտ էր տարածված։ Սվիդրիգայլովը պառկել էր ու ասես անրջում էր. մտքերը իրար էին հաջորդում։ Թվում էր, որ նա շատ կուզենար երևակայությամբ գոնե մի որևէ բանի կառչել։ «Երևի պատուհանի տակ մի որևէ այգի կա,— մտածեց նա,— ծառերը շրշում են. որքան չեմ սիրում ծառերի շրշյունը գիշերով, փոթորկի պահին և մթության մեջ, տհաճ զգացում է»։ Եվ նա հիշեց, թե ինչպես ժամ առաջ անցնելով Պետրովյան զբոսայգու կողքից, նույնիսկ զզվանքով մտածեց դրա մասին։ Նա վերհիշեց նաև № կամուրջը, Մալայա Նևան, ու վերստին ցուրտ զգաց ինչպես այն պահին, երբ կանգնած էր կամրջի վրա։ «Կյանքումս երբեք ջուր չեմ սիրել, նույնիսկ պեյզաժներում պատկերված ջուրտ», կրկին մտածեց նա և հանկարծ դարձյալ քմծիծաղ տվեց մի տարօրինակ մտքից. «Թվում է, որ գոնե հիմա պետք է անտարբեր լինեի այդ ամբողջ էսթետիկայի ու կոմֆորտի նկատմամբ, բայց հենց այստեղ պահանջկոտ դարձա ինչպես գազանը, որ անպայման իր համար տեղ է ընտրում... նման դեպքում։ Քիչ առաջ հենց հարկավո՜ր էր շուռ գալ դեպի Պետրովյան զբոսայգին։ Երևի խավարից, ցրտից էի խուսափում, քա՛հ-քա՛հ։ Համարյա դուրեկան զգացումներ էին պահանջվում... Հա՛, ինչո՞ւ մոմը չեմ հանգցնում»։ (Նա փչեց մոմը)։ «Հարևաններս պառկեցին», մտածեց նա՝ տեսնելով, որ պատի ճեղքից լույս չի երևում։ Հը՛մ, Մարֆա Պետրովնա, ա՛յ հիմա համեցեք անեիք, հո խավար է, տեղը պիտանի, րապեն հարմար։ Բայց արի ու տես, որ հենց հիմա չեք գա․․․»։
Հանկարծ նա չգիտես ինչու վերհիշեց, թե ինչպես Դունեչկայի նկատմամբ իր դիտավորությունը կատարելուց մի ժամ առաջ ինքը Ռասկոլնիկովին խորհուրդ էր տալիս Դունեչկային հանձնել Ռազումիխինի հսկողության։ «Իրականում ես անշուշտ սեփական քմահաճույքիս համար էի այդ ասում, ինչպես և կռահեց Ռասկոլնիկովը։ Ա՛յ թե ինչպիսի սրիկա է այդ Ռասկոլնիկովը։ Շատ բան է վերցրել իր վրա։ Հետագայում էլ մեծ սրիկա կլինի, երբ անհեթեթությունը դուրս թռչի իր գլխից, իսկ հիմա ''շատ'' է ուզում ապրել։ Այս կողմից նման մարդիկ ստոր արարածներ են։ Էհ, թող գնա գրողի ծոցը, ինչ ուզում է անի, ին՛ձ ինչ»։
Նրա քունը չէր տանում։ Հետզհետե նրան պատկերացավ Դունյայի կերպարը, ու հանկարծ նրա մարմնով դող անցավ։ «Ոչ, հիմա այդ բոլորը պետք է թողնել», սթափվելով, մտածեց նա, «պետք է որևէ ուրիշ բանի մասին մտածել։ Տարօրինակ է և ծիծաղելի․ ես ոչ ոքի և երբեք ատելություն չեմ տածել, նույնիսկ վրեժ առնել էլ երբեք առանձնապես չեմ ցանկացել, իսկ չէ՞ որ դա վատ նշան է, վատ նշան։ Վիճել նույնպես չեմ սիրել և վիճելիս չեմ տաքացել՝ այդ էլ վատ նշան է։ Իսկ Դունեչկային այսօր ինչքա՜ն խոստումներ տվի, թյո՛ւ, գրողը տանի։ Հը՛մ, նա հո կարող էր որևէ կերպ ջնջխել ինձ․․․»։ Նա դարձյալ սսկվեց և ատամներն իրար սեղմեց, դարձյալ Դունեչկայի կերպարը պատկերացավ նրան ճիշտ այնպես, ինչպիաին էր նա, երբ առաջին անգամ կրակելով, սարսափելի վախեցավ, իջեցրեց ատրճանակը ու քարացած նայում էր իրեն, Սվիդրիգայլովին, այնպես որ վերջինս երկու անգամ կկարողանար բռնել նրան, իսկ Դունեչկան ձեռք էլ չէր բարձրացնի պաշտպանվելու համար, եթե ինքը՝ Սվիդրիգայլովը, նրան այդ չհիշեցներ։ Նա վերհիշեց, թե ինչպես այն ակնթարթում ինքը խղճաց նրան, սիրտը սիրտը ասես ճմլվեց... «Է֊է՜, գրողը տանի, էլի՜ այս մտքերը, այս ամենը պետք է մոռանալ, մոռանալ․․․»։
Նա արդեն անզգայանում էր, մեղմանում էր աենդային դողը․ հանկարծ ինչ-որ մի բան շեշտակի անցավ վերմակի տակից, նրա, ձեռքի ու ոտքի վրայով։ Նա ցնցվեց․ «Փու, սատանա, սա երևի մուկ էր», մտածեց նա, «ախր ես հորթի միսը թողել եմ սեղանի վրա․․․»։ Նա բոլորովին չէր ուզում բացվել, վեր կենալ, մրսել, բայց հանկարծ էլի ինչ-որ տհաճ բան անցավ ոտքի վրայով, նա դեն գցեց վերմակը և վառեց մոմը։ Տենդային սառնությունից դողալով, կռացավ անկողինը զննելու. ոչինչ չկար, նա թափ տվեց վերմակը, ու հանկարծ մուկը թռավ սավանի վրա։ Նա փորձեց բռնել, բայց մուկը չփախավ անկողնից, զիգզագաձև թռավ այս ու այն կողմ, դուրս պրծավ նրա մատների տակից, վազեց ձեռքի վրայով ու հանկարծ նետվեց բարձի տակ, Սվիդրիգայլովը դեն գցեց բարձը, բայց մի ակնթարթ զգաց, որ մուկը թռել է իր թևատակը, ապա վազվզում է մարմնի վրա և արդեն մեջքին է, շապկի տակ։ Նա ջղայնորեն դողաց և արթնացավ։ Սենյակում մութն էր, նա պառկած էր մահճակալի վրա, վերմակով փաթաթված, ինչպես քիչ առաջ, դրսում ոռնում էր քամին։ «Այ քեզ գարշելի բան», սրտնեղելով մտածեց նա։
Նա վեր կացավ ու նստեց անկողնի ծայրին, մեջքը դեպի պատուհանը։ «Ավելի լավ է բոլորովին չքնել», որոշեց նա։ Սակայն պատուհանից ցուրտ և խոնավություն էր փչում․ առանց տեղից վեր կենալու նա վերմակը քաշեց իր վրա ու փաթաթվեց դրանով։ Մոմը չվառեց։ Ոչ մի բանի մասին չէր մտածում և չէր էլ ուզում մտածել, բայց անուրջները վրա էին տալիս մեկը մյուսի ետևից, ծագում էին կցկտուր մտքեր, որոնք անսկիզբ, անվախճան ու անկապ էին։ Կարծես նա կիսանինջ վիճակում էր։ Ցուրտը թե խավարը, խոնավությունը թե դրսում ոռնող և ծառերը ճոճող քամին նրա մեջ առաջացրին ինչ-որ համառ, ֆանտաստիկ հակում և ցանկություն, բայց նրան շարունակ ծաղիկներ էին պատկերանում։ Նրա երևակայության մեջ բացվեց մի հիասքանչ պեյզաժ, պայծառ, տաք, համարյա շոգ օր, տոն օր, հոգեգալստյան օրը։ Անգլիական ճաշակով, փարթամ, ճոխ, գյուղական կոտեջ, որ ամբողջովին թաղված էր անուշաբույր ծաղկանոցների մեջ, կային մարգեր, որոնք ձգվում էին ամբողջ տան շուրջը․ մուտքի սանդուղքը պատած էր պատատուկ բույսերով, վարդերի շարքերով, լուսավոր, զովաշունչ սանդուղք, որի վրա փարթամ գորգ էր փռված, կողքերին հազվագյուտ ծաղիկներով չինական պուլիկներ էին դրված։ Առանձնապես նրա աչքով ընկան պատուհանների գոգերին դրված ջրով լեցուն պուլիկները, դրանց մեջ աճել էին սպիտակ ու քնքուշ, փունջ֊փունջ նարգիզներ, որոնք թեքվել, էին իրենց վառ-կանաչ, պարարտ ու երկար ցողունների վրա և թունդ բուրմունք էին տարածում։ Թեև նա նույնիսկ չէր ուզում հեռանալ դրանցից, բայց բարձրացավ սանդուղքով և մտավ մի մեծ, բարձր դահլիճ, ու դարձյալ այստեղ էլ ամենուրեք, պատուհանների գոգերում, դեպի պատշգամբը բացվող դռների մոտ և հենց պատշգամբում ծաղիկներ կայինք հատակին թարմ, հնձած, բուրավետ խոտ էր փռված, պատուհանները բաց էին, թարմ, թեթև, զով օդը թափանցում էր սենյակը, դրսում ճռվողում էին թռչունները, իսկ դահլիճի մեջտեղում, ատլասե սպիտակ գործվածքով ծածկված սեղանների վրա դագաղ էր դրված։ Այս դագաղը պատած էր սպիտակ գրոդենապլով ու զարդարված էր սպիտակ, խիտ փոթերով։ Ամեն կողմից ծաղկեշղթաներ էին դրված։ Դագաղում, ամբողջովին ծաղիկների մեջ, պառկած էր սպիտակ շղարշե շրջազգեստով մի աղջիկ, ասես մարմարից կերտված, ձեռքերը կրծքի վրա պինդ ծալած։ Արձակված, բաց-շեկլիկ մազերը թաց էին, գլուխը պատած էր վարդերից հյուսված պսակով։ Նրա դեմքի խստաբարո և արդեն ոսկրացած պրոֆիլը կարծես նույնպես մարմարից էր կերտված, դալուկ շուրթերի ժպիտը ինչ-որ ոչ մանկական, անհուն տխրություն ու մեծ բողոք էր արտահայտում։ Սվիդրիգայլովը ճանաչում էր այդ աղջկան։ Դագաղի մոտ չկային ոչ վառվող մոմեր, ոչ էլ սրբապատկեր, ու աղոթքներ չէին լսվում։ Այդ աղջիկը ինքնասպան էր եղել, խեղդվել էր ջրում։ Նա ընդամենը տասնչորս տարեկան էր, բայց արդեն կոտրված էր եղել նրա սիրտը, նա ջուրն էր ընկել իրեն հասցրած վիրավորանքի պատճառով, որը սարսափեցրել ու ապշեցրել էր այդ դեռահաս, մանկահասակ էակին, անտեղի ամոթանքով էր համակել հրեշտակայնորեն մաքուր նրա հոգին և հուսալքման վերջին ճիչն էր պոկել, որը չէր լսվել, այլ լկտիաբար անարգվել էր մութ գիշերով, խավարում, ցրտում, խոնավ հալհլոցին, երբ ոռնում էր քամին․․․
Սվիդրիգայլովը արթնացավ, վեր կացավ անկողնից և մոտեցավ պատուհանին։ Նա խարխափելով գտավ փեղկի բռնակը և բացեց պատուհանը։ Քամին մոլեգնաբար ներխուժեց նրա փոքրիկ խցիկը ու ասես սառնամանիքային եղյամով պատեց նրա դեմքը և միայն շապկով ծածկված կուրծքը։ Պատուհանի տակ ըստ երևույթին այգու պես մի ինչ֊որ բան կար ու թերևս ուտել-խմելու տեղ էր. հավանորեն ցերեկը այստեղ էլ երգում էին երգիչները, ու թեյ էր մատուցվում։ Իսկ այժմ ծառերից ու թփերից կաթիլներ էին թռչում սենյակը, մութն էր ինչպես մառանում, այնպես որ հազիվհազ կարելի էր նշմարել միայն ինչ֊որ մութ բծեր՝ դրսի առարկաները։ Սվիդրիգայլովը կռացած և արմունկներով պատուհանի գոգին հենված, արդեն հինգ րոպե անընդհատ դիտում էր աղջամուղջը։ Գիշերային խավարում ճայթեց թնդանոթի մի կրակոց, ապա՝ երկրորդը։
«Հը՛մ, ազդանշան է, ջուրը վարարում է, մտածեց նա, առավոտյան դեմ կհոսի ցածր տեղերը, փողոցները, կլցվի ներքնահարկերն ու մառանները, ներքնահարկերի մկները դուրս կգան ջրի երեսը, ու թրջված մարդիկ հայհոյանք թափելով, կսկսեն իրենց իրերը քարշ տալ վերին հարկերը... Հիմա ժամը քանիսն է»։ Հենց որ նա այդ մտածեց, մոտիկ մի տեղ պատի ժամացույցը տկտալով և ասես ամբողջ ուժով մեկ աճապարելով, խփեց ժամը երեքը։ «Օհո՛, մի ժամից կլուսանա։ Էլ ի՞նչ եմ սպասում, հիմա դուրս կելնեմ, կգնամ ուղղակի Պետրովյան զբոսայգին, այնտեղ կընտրեմ ամբողջովին անձրևով ողողված մի մեծ թուփ, այնպես որ ուսդ դրան կպավ թե չէ, միլիոնավոր կաթիլներ կթափվեն գլխիդ․․․»։ Նա պատուհանից ետ քաշվեց, փակեց այն, վառեց մոմը, հագավ բաճկոնակը, վերարկուն, գլխարկը դրեց և մոմը ձեռքին դուրս ելավ միջանցք, որպեսզի գտներ որևէ տեղ, խցիկում, ամեն տեսակ անպետք իրերի ու այրված մոմերի մնացորդների միջև քնած սպասավորին, վճարեր համարի վարձը և դուրս գար հյուրանոցից։ «Ամենալավ րոպեն է, ավելի լավը չի կարելի ընտրել»։
Նա երկար քայլում էր ամբողջ նեղ ու երկար միջանցքում, ոչ ոքի չէր հանդիպում և արդեն ուզում էր բարձրաձայն կանչել սպասավորին, երբ հանկարծ մի մութ անկյունում, մի հին պահարանի ու դռան արանքում նկատեց ինչ֊որ մի տարօրինակ առարկա, կարծես կենդանի արարած։ Մոմը ձեռքին նա կռացավ ու տեսավ մի երեխա, ամենաշատը հինգ տարեկան մի աղջիկ, որը հատակ լվալու փալասի պես թաց շորով էր, դողում ու լալիս էր։ Նա կարծես չվախեցավ Սվիդրիզայլովից և բութ զարմանքով, իր մեծ, սև աչքերով նայում էր նրան ու մերթ հեծկլտում ինչպես այն երեխաները, որոնք երկար լացել են, բայց արդեն սսկվել և նույնիսկ սփոփվել, մինչդեռ հանկարծ էլի հեծկլտում են։ Աղջկա դեմքը գունատ էր ու մաշված. նա սառել էր ցրտից։ «Ինչպե՞ս է սա րնկել այստեղ, ուրեմն այստեղ թաքնվել է և ամբողջ գիշերը չի քնել»։ Ավիդրիգայլովյը սկսեց նրան հարցուփորձ անել։ Աղջիկը հանկարծ աշխուժացավ և արագ֊արագ ինչ֊որ թոթովեց իր մանկական լեզվով։ Հիշատակվեց «մամիկը», որը «կծեծի», որովհետև ինքը բաժակ է «կորտել» (կոտրել)։ Աղջիկը անդադար խոսում էր. նրա բոլոր պատմածներից կարելի էր մի կերպ կռահել, որ նա չսիրված երեխա է, որին թակել ու վախեցրել է մայրը, հավանորեն նույն հյուրանոցի շարունակ հարբած մի որևէ խոհարարուհի, որ աղջիկը ջարդել է մոր բաժակը և այնքան է վախեցել, որ դեռ իրիկվանից փախել է. հավանորեն երկար թաքնվել է բակում, որևէ տեղ, անձրևի տակ, վերջապես, եկել է այստեղ, պատսպարվել պահարանի տակ ու նստել ամբողջ գիշեր, լացել, դողացել թրջվածությունից, մթությունից վախենալով, որ այդ ամենի համար այժմ իրեն խիստ կծեծեն։ Սվիդրիգայլովը գրկեց նրան, տարավ իր համարը, նստեցրեց մահճակալին ու սկսեց հանել նրա շորերը։ Աղջկա ծակծկված քոշերը, որ նա հագել էր մերկ ոտքերին, այնքան թաց էին, որ կարծես ամբողջ գիշեր ջրափոսում էին եղել։ Հանելով նրա շորերը, Սվիդրիգայլովը նրան պառկեցրեց անկողնում, ծածկեց, փաթաթեց վեր մակով։ Աղջիկը իսկույն քնեց։ Վերջացնելով այդ ամենը, Սվիդրիգայլովը դարձյալ խոր մտածմունքի մեջ ընկավ։
«Ի՜նչ խելքիս փչեց գլխացավանքի մեջ ընկնել», հանկարծ մտածեց նա ծանր և ցասումնալից զգացումով։ «Այ քեզ անհեթեթություն»։ Սրտնեղելով վերցրեց մոմը, որպեսզի գնար և ինչ կերպ էլ լինի գտներ սպասավորին ու շուտ հեռանար այստեղից, «հապա աղջիկ՞ը», մտածեց նա ցասումնալից, արդեն բանալով դուռը, բայց ետ դարձավ՝ մի անգամ էլ աղջկան նայելու, թե արդյոք քնա՞ծ է նա և ինչպե՞ս է քնած։ Սվիդրիգայլովը զգուշությամբ մի քիչ բարձրացրեց վերմակը։ Աղջիկը քնած էր խոր ու երանավետ քնով։ Նա տաքացել էր վերմակի տակ, և արդեն նրա դալուկ թշիկների վրա կարմրություն էր դուրս տվել։ Բայց, տարօրինակ բան. այդ կարմրությունը ավելի վառ էր և թունդ, քան կարող է լինել մանկական դեմքի սովորական կարմրությունը։ «Դա տենդային կարմրություն է,— մտածեց Սվիդրիգայլովը,— դա կարծես գինուց է, կարծես սրան մի ամբողջ բաժակ գինի են խմեցրել։ Ալ շրթնիկները ասես վառվում են, կրակվում, բայց ի՞նչ է սա... Սվիդրիգայլովին հանկարծ թվաց, թե աղջկա երկար, սև արտևանունքները կարծես երերվում են ու նշան անում, կարծես քիչ բարձրանում են ու նրանց տակից նայում են խորամանկ, սուր, ինչ-որ ոչ մանկականորեն նշան անող աչքերը, ասես աղջիկը ոչ թե քնած է, այլ քնած է ձևանում։ Այո, հենց այդպես է որ կա. աղջկա շրթնիկները բացվում են ժպտալուց, շրթնիկների ծայրերը գողում են, ասես դեռ զսպվում։ Բայց ահա նա արդեն էլ չէր զսպվում, այդ արդեն ծիծաղ է. ինչ-որ մի լկտի, զայրացուցիչ բան է երևում ամենևին էլ ոչ մանկական այդ դեմքի վրա. դա անբարոյականություն է, դա կամելիայի դեմք է, ֆրանսուհիների թվին պատկանող ծախու կամելիայի լկտի դեմք։ Ահա արդեն աղջիկը այլևս չքաշվելով, երկու աչքերն էլ բաց է անում, դրանք վառվռուն և անամոթ հայացքով նայում են Սվիդրիգայլովին, կանչում նրան, ծիծաղում... Ինչ֊որ անսահմանորեն այլանդակ և վիրավորական բան կար այդ ծիծաղի մեջ, այդ աչքերում, երեխայի դեմքի այդ ամբողջ նողկալիության մեջ։ «Ինչպե՜ս թե. հինգ տարեկա՞նը», ուղղակի սարսափահար շշնջաց Սվիդրիգայլովը, «ախր սա... սա ի՞նչ բան է»։ Բայց ահա արդեն աղջիկը ամբողջովին կարմրատակած դեմքով շուռ է գալիս նրա կողմը, ձեռքերը պարզում նրան... «Օ՜, օ, անիծված», գոչեց սարսափով բռնված Սվիդրիգայլովը՝ ձեռքը բարձրացնելով նրա վրա... բայց հենց այդ րոպեին արթնացավ։
Նա դարձյալ անկողնում է, փաթաթված է վերմակով. մոմը վառված չէ, իսկ պատուհանից արդեն ներս է ընկել ցերեկվա պարզ լույսը։
«Ամբողջ գիշերը մղձավանջ»։ Նա չարացած քիչ բարձրացավ տեղից, զգալով, որ իսպառ թուլացել է. ոսկորները ցավում էին։ Դրսում բոլորովին թանձր մշուշ է, ոչինչ չի կարելի տեսնել։ Հինգերորդ ժամը վերջանալու մոտ է. քնել է ու բաց թողել գնալու ժամը։ Նա վեր կացավ ու հագավ իր ժակետը և վերարկուն, որոնք դեռ թաց էին։ Գրպանում շոշափելով ատրճանակը, հանեց այն և ուղղեց հրապատիճը։ Հետո նստեց, գրպանից հանեց ծոցատետրը և հենց առաջին, առավելապես նկատելի թերթիկի վրա խոշոր տառերով մի քանի տող գրեց։ Կարդալով դրանք, նա կրթնեց սեղանին ու մտածմունքի մեջ ընկավ։ Ատրճանակը և ծոցատետրը արմունկի կողքին էին։ Արթնացած ճանճերը նստում էին հորթի չկերված մսի վրա, որ դրված էր սեղանին։ Նա երկար նայում էր ճանճերին և վերջապես, աջ, ազատ ձեռքով փորձեց բռնել նրանցից մեկին։ Երկար ջանք թափեց, բայց չկարողացավ բռնել։ Ի վերջո թողնելով այդ զբաղմունքը, սթափվեց, ցնցվեց, վեր կացավ ու վճռական քայլերով դուրս ելավ սենյակից։ Մի րոպե հետո նա փողոցում էր։
Քաղաքի վրա կաթնագույն, խիտ մշուշ էր իջել։ Սվիդրիգայլովը սլկուն, ցեխոտ, փայտե սալարկով գնաց դեպի Մալայա Նևա։ Նրան պատկերանում էին գիշերվա ընթացքում խիստ վարարած Մալայա Նևայի ջուրը, Պետրովյան կղզին, թաց շավիղները, թաց խոտաբույսերը, թաց ծառերն ու թփերը և վերջապես, հենց այն թուփը... Նա սրտնեղելով դիտում էր տները, որպեսզի մտածեր որևէ ուրիշ բանի մասին։ Պողոտայում ոչ անցորդ, ոչ էլ կառք էր հանդիպում։ Տխուր ու կեղտոտ տեսք ունեին բաց֊դեղին, փայտաշեն տնակները, որոնց պատուհանների փեղկերը փակված էին։ Ցուրտն ու խոնավությունը թափանցում էին նրա ամբողջ մարմնի մեջ, և նա մրսում էր։ Երբեմն տեսնում էր բանջարեղենի և այլ խանութների ցուցանակները և մանրազնին կարդում յուրաքանչյուր ցուցանակը։ Ահա արդեն վերջացավ փայտե սալարկը։ Նա արդեն հասել էր մի մեծ, քարաշեն տան։ Կեղտոտ, մրսած մի շնիկ պոչը քաշած, վազեվազ անցավ նրա առջևից։ Անզգայության չափ հարբած, շինել հագած մի մարդ երեսնիվայր փռվել էր մայթի վրա։ Սվիդրիգայլովը նայեց նրան ու շարունակեց գնալ։ Ձախ կողմից երևաց մի բարձր դիտանոց։ «Վա՛հ,— մտածեց նա,— ահա և հարմար տեղ, էլ ինչո՞ւ գնամ Պետրովյան զբոսայգին։ Գոնե դա պաշտոնական վկայի ներկայությամբ կլինի․․․»։ Նա գրեթե քմծիծաղ տվեց այդ նոր մտքից ու դարձավ դեպի № փողոցը։ Հենց այստեղ էր մեծ տունը, դիտանոցը։ Տան փակված, մեծ դարպասի առջև, ուսը դռանը հենած, կանգնել էր զինվորի գորշ վերարկուով, պղնձե, աքիլլեսյան սաղավարտով, կարճահասակ մի մարդ։ Նա քնեած հայացքով, սառը, ծուռ նայեց մոտեցող Սվիդրիգայլովին։ Նրա դեմքի վրա երևում էր այն հավիտենական դժդոհություն արտահայտող տրտմությունը, որ միշտ հատուկ է հրեական ցեղի առանց բացառության բոլոր դեմքերին։ Նրանք երկուսն էլ, Սվիդրիգայլովը և Աքիլլեսը, մի պահ լուռ իրար էին նայում։ Վերջապես, Աքիլլեսին անկարգություն թվաց այն, որ այդ մարդը հարբած չէ, բայց կանգնել է իր առջև, երեք քայլ հեռու, նայում է դեմ առ դեմ և ոչինչ չի ասում։
— Դուք այստեղ ի՞նց գուզե՞-իք,— ասաց նա առանց շարժվելու, չփոխելով իր մարմնի դիրքը։
— Ոչինչ, աղբերս, բարև,— պատասխանեց Սվիգրիգայլովը։
— Աստեղ ցպետք է կանգնել։
— Ես, աղբերս, գնում եմ օտար երկրներ։
— Օտար երկրնե՞ր։
— Ամերիկա։
— Ամելիկա՞։
Սվիդրիգայլովը հանեց ատրճանակը և բարձրացրեց հրահանը։ Աքիլլեսը վեր քշեց հոնքերը։
— Է՛յ, այդ ի՛նչ կատակներ են, աստեղ դրանց տեղը ցե։
— Ախր ինչո՞ւ տեղը չէ։
— Որովհետև տեղը ցե։
— Էհ, բարեկամ, այդ միևնույն է։ Տեղը լավ է. եթե քեզ հարցնեն, ասա, թե ես Ամերիկա եմ մեկնել։
Նա ատրճանակը ուղղեց իր աջ քունքին։
— Է՛յ, աստեղ դա ցի կարելի, աստեղ դրա տեղը ցէ,― Աքիլլեսը ցնցվեց՝՝ավելի լայն բանալով աչքերը։
Սվիդրիգայլովը իջեցրեց հրահանը։
== VII ==