«Խղճի աղաղակ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Խղճի աղաղակ (Ֆ.Մ. Դոստոևսկու կյանքն ու ստեղծագործությունը) |հեղինակ = Կարպիս...»:)
(Տարբերություն չկա)

20:18, 20 Հունվարի 2016-ի տարբերակ

Խղճի աղաղակ (Ֆ.Մ. Դոստոևսկու կյանքն ու ստեղծագործությունը)

հեղինակ՝ Կարպիս Սուրենյան
աղբյուր՝ «Կարամազով եղբայրներ»

«Ձեր առաջ, որպես գրողի, ճշմարտությունն է բացահայտված, տրված է ձեզ ճշմարտությունն իբրև շնորհ. գնահատեցեք, ուրեմն, ձեր այդ շնորհը, հավատարիմ մնացեք նրան, և մեծ գրող կդաոնաք»։ Այսպես ասաց Բելինսկին քսանչորսամյա Դոստոևսկուն, 1845-ի մայիսին, նրա առաջին վիպակի ձեռագիրը կարդալուց հետո։ Գրականության պատմության բացառիկ դեպքերից էր դա. հեղինակավոր քննադատը «հանճար» էր կոչում մի սկսնակ գրողի, որի առաջին երկը տակավին չէր էլ լույս տեսել։ Եվ նա չէր սխալվում։ Չսխալվեց նաև ընթերցող հասարակությունը, երբ «Խեղճ մարդիկ» վիպակը կարդալով զգաց, որ երիտասարդ հեղինակը մի նոր ու հզոր շունչ է բերում ռուս գրականության մեջ։ Իրոք, Դոստոեսկին դարձավ ոչ միայն ռուս, այլև համաշխարհային գրականության տիտաններից մեկը, կանգնեց մարդկային ոգու պատմության մեծագույն դեմքերի շարքին։ Անշուշտ, յուրաքանչյուր մեծ արվեստագետ մի ուրույն աշխարհ է ստեղծում։ Իսկ Դոստոևսկու աշխարհը ոչ թե պարզապես ուրույն է, այլև աննախընթաց մի տեսանկյունից դիտված. ասես նա հոգեբանության մեջ ստեղծեց ու կիրառեց «հարաբերականության տեսությունը», ճանապարհ բանալով դեպի մարդկային հոդու անհունը, այնպես, ինչպես Էյնշտեյնը բնագիտության մեջ արեց այդ հեղաշրջող գյուտը և անհունորեն ընդլայնեց մարդու պատկերացումները՝ իրենից դուրս գտնվող բնության, տիեզերքի մասին։

Անսովոր է թվում վիպագիր Դոստոևսկու ստեղծած աշխարհը, և նրա արվեստը՝ բացառիկ։ Սակայն նրա կյանքն էլ անսովոր ու բացառիկ եղավ։ Ճակատագիրն ամենագազան հարվածները տվեց նրան, և նա, հանճարով օժտված մարդ, անցավ մեծագույն փորձությոմւների միջով, որոնք կարող են վիճակվել մարդ էակին։ Մանկության տարիներին խեղճ մարդկանց տառապանքները տեսավ Մոսկվայի ամենատխուր թաղամասում, ուր աղքատների հիվանդանոցում ծառայում էր իր բժիշկ հայրը՝ դառնություններից անժպիտ դարձած, խստաբարո ու ցասկոտ, ալկոհոլին անձնատուր մարդ, որ իր ընտանիքում անշնչելի մթնոլորտ էր ստեղծում։ Պատանեկության տարիներին կորցրեց իր սիրելի մորը՝ գրական ձիրքով օժտված, հեզահամբույր, բազմաչարչար, բարոյական մաքրության տիպար մի կին, որ բռնապետ ամուսնու ձեռքի տակ հյուծվեց անդադրում հոգեկան տառապանքով ու մահացավ թոքախտից։ Շատ չանցած՝ պատանի Դոստոևսկին հոգեկան մի այլ ծանր ցնցում ապրեց, երբ կնոջ մահից հետո ավելի դաժանացած, բարոյալքված, հարբեցողությամբ տարված իր հորն սպանեցին ճորտերը գյուղում։

Սրանք դեռ ճակատագրի առաջին հարվածներն էին։ Ավելի ուշ Դոստոևսկին տառացիորեն հասավ բռնի մահվան դուռը և վերադարձավ, հետո տառացիորեն իջավ երկրային դժոխքը և դարձյալ վերադարձավ. այսինքն, դեռ հազիվ մի քանի տարվա դրական կյանք ապրած քսանութամյա գրողին, որ տարված էր ֆրանսիական ուտոպիստների, հատկապես Ֆուրյեի մարդասիրական գաղափարներով և իր գործուն մասնակցությունն էր բերում Պետրաշևսկու գլխավորած ռուս ուտոպիստների գաղտնի հավաքույթին, ցարական կառավարությունը ձերբակալեց որպես պետական հանցագործի, դատեց ու դատապարտեց մահվան և ապա, ցարի ստորագրած երկրորդ դատավճռով՝ աքսորի ու տաժանակիր աշխատանքի։ Դոստոևսկին արդեն գտնվում էր մահվան հրապարակում, պատրաստվում էր գնդակահարվելու և մտովի հրաժեշտ տալիս կյանքին ու իր մեծ երազներին, երբ կարդացվեց երկրորդ դատավճիոը։ Նա վերածնված զգաց իրեն։ Նույն օրը բանտից գրեց իր ավագ եղբորը. «...մարդ լինել մարդկանց մեջ և միշտ մարդ մնալ բոլոր դժբախտությունների մեջ, չհուսալքվել ու չընկճվել՝ ա՛յս է ահա կյանքը, ա՛յս է կյանքի նպատակը։ ...Երբեք իմ մեջ հոգեկան կյանքի այսքան առատ ու առողջ պաշարներ չեմ զգացել, որքան հիմա»։ Եվ նույն գիշերը, ձեռքերն ու ոտքերը շղթայակապ, դեկտեմբերյան սառնամանիքին, Դոստոևսկին ճանապարհ ընկավ դեպի Սիբիր՝ իր տասնամյա աքսորը։ Չորս տարի ապրեց Օմսկի տաժանավայրում, ամեն տեսակ հանցագործների մեջ, ըստ բանտի վիճակագրական ցուցակի՝ որպես «կարդալ-գրել իմացող սևագործ բանվոր», որը սակայն զրկված էր կարդալու և գրելու իիավունքից, միայն ավետարանը, անցյալի հիշատակները և դժնդակ ներկայի տպավորություններն ուներ իբրև հոգեկան սնունդ, և ֆիզիկական պարտադիր աշխատանքը կատարում էր ավելի դաժան պայմաններում, քան ստրուկը, ձեռքերն ու ոտքերը միշտ շղթայակապ։ Երբ վերադարձավ այդ դժոխքից, իր հետ բերեց ոչ միայն շղթայված ոտքերի ծանր քայլվածքը, որ մնաց ամբողջ կյանքում, այլև անդունդից եկող մարդու հարուստ ու խորունկ, մինչև կյանքի ամենամութ հետնախորշերը թափանցած փորձառությունը, որ նրա հանճարի քուրայում դարբնվում էր արդեն՝ արվեստի հզոր, փոթորկալից ու իմաստուն երկեր տալու համար աշխարհին։ Բերեց այն համոզմունքը, թե բոլոր պայմաններում մարդու մեջ պետք է փնտրել բուն մարդկայինը, բարոյական կորիզը, կյանքի, ճշմարտության լույսը, որ միացնում է մարդկանց, փնտրել այն, որ նույնիսկ բոլոր էակներին ու իրերին է միացնում։ Սակայն բերեց նաև մարդկային ճակատագրի, բուն իսկ կեցության հակասությունների, անլուծելի առեղծվածների տառապանքը, որ միշտ մխաց նրա հոգում և հաճախ ժայթքեց ահեղ, երկյուղազդու դղրդյունով։

Մահից ու դժոխքից վերադարձած հանճարը, որի վրա դեռ երկար ժամանակ ոստիկանական գաղտնի հսկողություն էր սահմանված, ամբողջ Ռուսաստանը ցնցեց մի երկով, որ համաշխարհային գրականության ուժեղագույն վավերաթղթերից մեկն է մնալու առհավետ։ «Հուշեր Մեռյալ տնից» կոչվող գիրքն է դա, ուր Դոստոևսկին խիստ տպավորիչ պատկերներով ու փիլիսոփայական խորությամբ նկարագրում է տաժանավայրի կյանքն ու մարդկանց, այն որոշակի մարդկանց, որոնցից ոմանք իր ապագա մեծ վեպերում մի քանի կարևոր կերպարների նախատիպերը դարձան։ 1880 թվականին, Դոստոևսկու մահից մի քանի ամիս առաջ, Տոլստոյը գրեց իր մի բարեկամին, թե դա «լավագույն գիրքն է ամբողջ նորագույն գրականության՝ Պուշկինն էլ ներառյալ»։

Դեռ ձերբակալությունից առաջ գրած երկերում արդեն ակնհայտ երևում էին Դոստոևսկու արվեստի հիմնական հատկանիշները. սրտաբուխ ու ցավագին մարդասիրությունը, ճշմարտության սուր զգացողությունը, հոգեբանական վերլուծման անօրինակ խորությունը, լարված իրավիճակներ ստեզծելու, տարորեն տիպական կերպարներ ու միջավայր պատկերելու, արտահայտիչ ու բազմաբովանդակ երկխոսություններ կերտելու բոլորովին ինքնատիպ միջոցները,— հատկանիշներ, որոնց շնորհիվ նրա երկերն անսովոր ներգործություն էին ունեցել ընթերցողների վրա։ Իր ստեղծագործության երկրորդ շրջանում, աքսորից վերադառնալուց հետո, այդ հատկանիշներն ավելի ու ավելի խորացան, ընդլայնվեցին, և դրանց համադրությամբ կերտվեց նրա մեծ վեպերի բազմաբարդ աշխարհը։ Վեպերի ատաղձը վերցնել կենդանի իրականությունից, պեղել առօրյա կյանքի փաստերի հոգեբանական և փիլիսոփայական խորքը, մինչև վերջ պարզել մարդկային արարքների բուն շարժառիթները, ի հայտ բերելով թեր ու դեմ գաղափար-զգացումների պայքարը թե՛ անհատ մարդու հոգում, թե՛ մարդկային փոխհարաբերությունների մեջ,— ահա այն ստեղծագործական մեթոդը, որով նա այդ բազմաբարդ աշխարհը կերտեց, հասնելով այնպիսի խորքային բացահայտումների, որոնք համարյա ֆանտաստիկ են թվում։ «Իրոք,— գրել է նա,— ուշադիր նայեցեք իրական կյանքի որևէ մի փաստի, որը նույնիսկ բոլորովին աչքի չի ընկնում առաջին հայացքից, և եթե դուք ի զորու եք և աչք ունեք, այդ փաստի մեջ կտեսնեք այնպիսի խորություն, որ Շեքսպիրն անգամ չունի»։ Եվ իրավացի է Դոստոևսկին, երբ իր այդ ստեղծագործական մեթոդը կոչում է «իրապաշտություն՝ գերագույն իմաստով»։

Բնական է, ստորացված ու անարգված գրողը, տառապանքի ամենախոր վիհերով անցած մարդասերը, կրոնափիլիսոփայական ու սոցիալ-քաղաքական հարցերում իր տանջալի տատանումներով հանդերձ, եղավ համաշխարհային գրականության այն դեմքը, որ ամենից ավելի խոր թափանցեց ստորացվածների և անարգվածների հոգու մեջ, ամենաջերմ սիրով սիրեց նրանց։ Ու վերադարձից հետո նրա գրած վեպերից մեկը կոչվում է հենց «Ստորացվածներ ու անարգվածներ»։

Դոստոևսկու ստեղծագործության այդ երկրորդ շրջանը փաստորեն սկսվում է «Հուշեր մեռյալ տնից» գրքով, բայց «Ոճիր և պատիժ» վեպն էր այն երկը, որի մեջ նրա տիտանական ձայնն առաջին անգամ հնչեց ամբողջ ուժով։ Ժամանակակից հրատապ մի հարց՝ դրամի վաշխառուական անիմաստ կուտակման և, մյուս կողմից, չքավորության պատճառով կյանքերի ու տաղանդների խորտակման հակադրությունը, մի հարց, որի ահավոր ծանրությունն իր սեփական ուսերի վրա զգում էր Դոստոևսկին դրամական նեղության այդ տարիներին, վեպում բարձրացվել է բարոյա-փիլիսոփայական մեծագույն խնդրի։ Տաղանդավոր, բայց աղքատ ուսանող Ռասկոլնիկովը, հիմնվելով իր այն տեսության վրա, թե մարդկությանը «նոր խոսք» ասելու կոչված «նապոլեոնյան» տիպի արտասովոր անհատն իրավունք ունի իր խղճին թույլ տալու ամեն մի արգելք վերացնել իր ճանապարհից, նույնիսկ արյուն թափեի,-ավելի ճիշտ՝ այդ տխուր տեսությամբ տանջալիորեն արդարացնելով իրեն ու ելք փնտրելով իր հուսահատական վիճակից, սպանում է մի պառավ վաշխառուի՝ մի չար ու վնասակար կնոջ, նրա հարստությամբ փրկելու համար մորը, քրոջը և իր սեփական ապագան, ճանապարհ բացելու իր կաշկանդված ուԺերի առաջ, որպեսզի «գործելու, ապրելու և սիրելու» իրավունք ունենա, «կարողանա գեթ որևէ տեղ գնալ»։ Բայց երբ կատարում է արդեն ոճիրը, երբ խախտում է կյանքի օրենքը, չոր բանականությամբ ոտնահարված խիղճնի սկսում է հատուցում պահանջել, լինելով կյանքի այդ բուն օրենքն իրագործող դատավորը նրա սեփական հոգու մեջ։ Եվ բուն պատժից, այսինքն հոգեկան ծանր տառապանքից հետո, որ աննախընթաց խորությամբ նկարագրել է Դոստոևսկին, երիտասարդը ինքն է խոստովանում իր ոճիրը պաշտոնական դատարանի առաջ, ընդունում նաև տաժանակիր աքսորի պաշտոնական պատիժը իբրև քավարան, և վերածնվում է որպես մարդ, ազատագրվում մարդկանց տարանջատող ծայրահեղ անհատապաշտությունից ու վերադառնում մարդկանց միացնող սրտագին կապերին. հաղթանակում են «ճշմարտության օրենքն ու մարդկային բնությունը»։ Կուռ գործողությամբ հափշտակող, արտակարգ ճշմարիտ կերպարներով ու ցնցող տեսարաններով հարուստ այդ գլուխգործոցը համաշխարհային ճանաչում բերեց հեղինակին։

Բայց Դոստոևսկին այդ վեպն ստեղծելու շրջանում էլ շարունակում էր ծանր կյանք ապրել. ճակատագրի հարվածները չէին դադարում։ Մահացան հիվանդ կինն ու շատ սիրելի ավագ եղբայրը, որ նաև իր ամենամտերիմ բարեկամն ու գրական գործակիցն էր։ Ոչ միայն եղբոր ընտանիքի խնամքը, այլև իրենց հրատարակած ամսագրից մնացած պարտքերն ընկան Դոստոևոկու ուսերին, ըստ որում նա իր խղճի և պարկեշտության թելադրանքով միայն ստանձնեց այդ ծանր բեռը, հսկա գումար կազմող պարտքերը մանավանդ, որոնք իրավականորեն բոլորովին պարտավոր չէր ստանձնեքու, և որոնցից կարողացավ վերջնականապես ազատվել իր կյանքի վերջին տարում միայն։ Եվ ինչպես հաճախ լինում է նման դեպքերում, յուրայիններն անխղճորեն շահագործում էին իրենց բարեսիրտ ազգականին, նրանց հետ նաև հանգուցյալ կնոջ առաջին ամուսնու տղան, որին նա սիրով որդեգրել ու վերցրել էր իր խնամքի տակ։ Մի անգամ նույնիսկ, «ընտանեկան խորհուրդի» որոշմամբ, նոյեմբերի ցուրտ օրերին նա իր ձմեռային վերարկուն ուղարկում է գրավ դնելու, որպեսզի կարողանա դրամ տալ այդ օրը գլխին հավաքված ազգականներին։ Հանգիստ չէին թողնում նաև պարտատերերը, որոնք սկզբում գոհ էին, որ նա իրենց խնդրանքին ընդառաջելով ստանձնեց պարտքերը, և խոստանում էին բարյացակամ լինել, բայց շուտով սկսեցին «խեղդել» նրան։

Այդ տարիներին Դոստոևսկին մի քանի անգամ գնում է արտասահման, ոչ միայն ճանաչողական մղումներով, այլև պարտատերերի ճնշումից, նույնիսկ պարտքային բանտ նստեցնելու սպառնալիքից խուսափելու համար։ Բայց դրամական նեղությունը ամեն տեղ ուղեկցում է նրան. մինչև իսկ կիսաքաղց օրեր է անցկացնում, երբ հյուրանոցում մերժում են ճաշ տալ անվճարունակ վտարականին։ Դրամի կարիքը նրան մղում է իր բախտը փորձելու եվրոպական նշանավոր խաղարաններում. մի քանի անգամ շահելուց հետո, խաղամոլի կիրքով հանձնվում է ռուլեթին, մի կիրք, որի գերին դարձավ մոտ տասը տարի, հակառակ բանականության ձայնին, միշտ այն սին հույսով, թե կկարողանա մի մեծ գումար շահելով ազատվել պարտքերից և դրամական նեղության հարատև ճնշումից։ Այդ կիրքը, որ նա նկարագրել է իր «Խաղամոլը» նշանավոր վեպում, հուսադրման սուր ապրումներից ավելի հոգեկան տանջանք էր պատճառում Դոստոևսկուն։ Հատկապես իր երկրորդ ամուսնությունից հետո, երբ ջահել կնոջ հետ գնաց արտասահման ու ստիպված եղավ, երեք ամսվա փոխարեն, չորս տարի մնալ այնտեղ, խաղամոլի այդ կիրքն ավելի սաստկորեն էր տանջում նրան, ամեն անգամ խղճի սուր խայթ պատճառելով, չնայած կնոջ հասկացող ու ներողամիտ վերաբերմունքին։

Միշտ նյութական նեղության մեջ, ու նաև տառապելով հայրենիքի կարոտից, այդ չորս տարիների ընթացքում նա տենդագին աշխատում էր, երբեմն չկարողանալով ծայրը ծայրին հասցնել ու նամակներում աղաչելով, որ Ռուսաստանից շտապ կանխավճար ուղարկեն «Ապուշը» վեպի համար, որ գրում էր ու հասցնում ամսագրին մաս առ մաս. ի դեպ, ստիպված հաշտվում էր նաև այն նվաստացուցիչ իրողության հետ, որ իրեն՝ կարիքավորին, վճարում էին կրկնակի պակաս հոնորար, քան հարուստ կալվածատերեր Տոլստոյին և Տուրգենևին։ Այս բոլորի վրա նաև իր անբուժելի հիվանդությունն էր ավելանում՝ հոր սպանության լուրն առնելու օրից սկսված և աքսորավայրի տաժանակիր կյանքից սաստկացած անողոք ընկնավորությունը, որի դաժան նոպայից հետո մի շաբաթ չէր կարող ձեռքը «գրիչ վերցնել, այլապես երկու֊երեք նոպայից հետո՝ կաթված»։ Շվեյցարիայում նրան հարվածեց նաև իր առաջնեկի՝ երեք ամսական դստեր մահվան վիշտը, որ շատ ծանր տարավ, մանավանդ որ ինքը քառասունյոթ տարեկան էր արդեն ու այնքա՜ն ուշ իրեն շնորհվել էր հայր լինելու երջանկությունը, այնպիսի՜ քնքշությամբ սիրում էր իր առաջին երեխային։

Հակառակ այսպիսի ծանր ճակատագրին, նա միշտ էլ, ամբողջ կյանքում, աշխատում էր աներևակայելի ջանասիրությամբ, ստեղծելով իր հանճարեղ վեպերը։ Նա ի բնե արտակարգորեն աշխատասեր էր, ինչպես վկայում է կինը, բայց հենց նյութական ծանր վիճակն էլ, երևի, ստիպում էր նրան բնավ չհանգստանալ, միշտ աշխատել գերլարված ուժերով։ Ճիշտ է, մինչև վերջ էլ գանգատվում էր հարկադրյալ շտապողականությունից, գանգատվում, որ ապահովված գրողների նման չէ ինքը, ժամանակ չունի հանգիստ աշխատանքով իր երկերը հղկելու, վերջնական մշակումով ներկայացնելու ընթերցողին, նույնիսկ խոստովանում էր, որ «նախանձում» է այն գրչակիցներին, որոնք ապահովված են նյութապես, բայց ճշմարտությունն այն է, որ նա երբեք չէր կորցնում արվեստագետի խստապահանջությունն ինքն իր հանդեպ, այլ ընգհակատսսկը կամքի տիտանական լարումով և հանճարի ուժով ստեղծում էր վիպագրական բոլորովին նոր մի արվեստ. և ո՜վ գիտե, գուցե հենց շտապողականությունն էլ օգնում էր նրան՝ ներշնչման թափը պահպանելու մշտապես, մի տեսակ ժայթքումով իրագործելու իր նորարարությունը։ Այնուամենայնիվ, չնայած շտապողականության հարկադրանքին, նա խոտանում էր իր գրածը, եթե տեսնում էր, որ իր բուն մտահղացմանը չի համապատասխանում. հայտնի է, օրինակ, որ «դեն է գցել» իր «Ապուշը» վեպի սկզբնավորության նախնական տարբերակը՝ եբեք ամսվա աշխատանք, հետո մեկ ամսում, տենդագին լարվածությամբ, հասցրել է նոր ծրագիր մշակել, գրել առաջին գլուխները և Շվեյցարիայից ուղարկել Ռուսաստան՝ ամսագրին։

Նրա մի նամակում, ուր պարզ ու վսեմ արժանապատվությունից բխող գործնական շեշտով խոսում է իր ծանրածանր վիճակի մասին, հանկարծ կարդում ենք այսպիսի խոսքեր, որոնք անսպասելի են թվում առաջին հայացքից, «Բայց մի՛ երևակայեք (եթե ուզում եք մտածել իմ մաաին), թե ես շատ եմ տանջվում։ Ոչ, եղել են նաև բազմաթիվ ուրախ րոպեներ... Կյանքն ու հույսը դեռ չեն սպառվել ինձ համար»։

Այո, սխալ կլիներ այնպես պատկերացնել, թե հիվանդ, մռայլ, մշտապես տանջանքներով ընկճված մարդ էր նա։ Ոգեկան վիթխարի ուժի տեր էր Դաստաևսկին, հուսահատվել չգիտեր բնավ։ Հախուռն ու կրքոտ էր բնավորությամբ, մեծ թափով էր անում ամեն ինչ։ Հենց որ ժամանակ ու առիթ էր գտնում, վայելում էր նաև կյանքի պարզ, սովորական հաճույքները, և նույնպես թափով։ 1866 թվականի ամառը, օրինակ, արդեն այրիացած, Մոսկվայի մոտակա Լյուբլին գյուղում ստեղծագոթծական մեծ լարվածությամբ գթում էր «Ոճիր և պատիժ» վեպը, իսկ մոտակա ամառանոցում, ընդարձակ այգու մեջ, իր քրոջ բազմանդամ ընտանիքն էր ապրում, նա ամեն օր աշխատանքից հետո գնում էր այնտեղ երեկոն անցկացնելու և «եթեխայի նման զվարճանում էր» ջահելների հետ, աշխուժորեն մասնակցում նրանց խաղերին, ինքն էր խաղեր հնարում, երաժշտություն էր լսսւմ, մի խոսքով՝ հանձնվում էր այդ զվարթ մթնոլորտին, որն այնպիսի՜ բանաստեղծական թարմությամբ, այնպե՜ս գունագեղ պատկերել է մի քանի տարի հետո իր «Հավիաենական ամուսինը» վիպակում։ Արատսահմանում էլ, երբ չարս տարի ապրեք այնտեղ կնոջ հետ, առիթը չէր կորցնում դիտելու արվեստի գանձերը Դրեզդենում, Միլանում, Ֆլորենցիայում, դիտելու այնպես, որ ոչ միայն գեղագիտական հաճույք, այլև ստեղծագոթծական ներշնչում էր ստանում հատկապես իր սիրած նկարիչների՝ Ռաֆայելի, Տիցիանի, Ռեմբրանդտի, կրտսեր Հոլբայնի, Կլոդ Լորենի գործերից։ Նաև երաժշտություն էր շատ սիրում և կնոջ հետ հաճախում էր զբոսայգիները՝ թացօթա համերգներում լսելու հատկապես Մոցարտ ու Բեթհովեն, որոնց ամենից ավելի բարձր է գնահատում։ Նկատելի է ու հատկանշական, որ նրան առավելապես գրավում էին արվեստի այնպիսի գործեր, որոնք պայծառ են իրենց ոգով կամ տոգորված են խորունկ մարդասիրությամբ ու երջանկության իդեալով, ունեն փիլիսոփայական հարուստ խորք. նրա ամենասիրելի նկարչական երկը Ռաֆայելի «Սիքստինյան մադոննան» էր։

Բնական է Դոստոևսկին ուներ նաև մարդկային թուլություններ. իր անողոք հիվանդությունն էլ երբեմն, մանավանդ ծանր նոպաներից հետո, բացասաբար էր ազդում բնավորության վրա։ Սակայն նա բարեհոգի էր միշտ, պատրաստ էր իսկույն զղջալու և ներողություն խնդրելու, եթե ակամա վշտացներ մեկին. հիշաչարություն բոլորովին չուներ, նույնիսկ բարկանլուց հետո մեղմանում էր իսկույն, հայացքը դառնում էր հեզ ու բարի։ Նրա ամբողջ ստեղծագործության գլխավոր հերոսը, եթե կարելի է այսպես ասել, մարդկային խիղճն է, և իր անձնական կյանքում էլ նա միշտ ականջ էր դնում խղճի ձայնին, ըստ այնմ ուրախություն կամ տառապանք ապրելով։ Միշտ պատրաստ էր բարոյական և նութական աջակցություն տալու բոլոր նրանց, ովքեր նամակով կամ անձամբ դիմում էին իրեն։ Հակառակ իր նյութական նեղ դրության, անկեղծօրեն օգնում էր կարիքավորներին, լինի ազգական թե օտար՝ չքավոր, ուսանող, վերադարձած աքսորական, երբեմն նույնիսկ հնարավորից ավելին անելով, այսինքն զրկելով իրեն։ Կյանքի վերջին մի քանի տարում, ըստ կնոջ վկայության, երբ Պետերբութրգից գնում էր ստարայա Ռուսա՝ ամառն անցկացնելու, Դոստոևսկին նստում էր երրորդ կարգի վագոն, հասարակ ժողովրդի մեջ, բաց էր անում դրամապանակը և դնում մեջտեղ, որպեսզի կարիքավոր մարդիկ օգտվեն. ու պատահում էր, որ Ստարայա Ռուսա հասնելուց հետո ստիպված էին լինում հեռագրել Պետերբուրգ, որպեսզի փող ուղարկեն իրենց։ Նաև շատ ընտանեսեր մարդ էր Դոստոևսկին. խիստ հոգատար էր կնոջ ու երեխաների հանդեպ, սիրում էր ամեն տեսակ ընտանեկան տոնախմբություններ սարքել, խաղալ երեխաների հետ, մի խոսքով՝ ջերմ մթնոլորտ ստեղծել տանը (գուցե հիշում էր իր հոր խստություննե՞րը ընտանիքում և իր սեփական մանկության մռայլ մթնոլո՞րտն էր «սրբագրում»։ Ճակատագրի հարվածներին դիմադրած, անդադրում աշխատանքից հոգնած գրողը, որ ուշ տարիքում բախտ ունեցավ ընտանեկան ջերմ օջախի քաղցրությունը վայելելու, այսպես է գրում իր մի բարեկամին. «Մարդկային երջանկության երեք քառորդը ամուսնության մեջ է, իսկ մնացյալում՝ հազիվ մեկ քառորդը միայն»։ Նշանակալից է այսպիսի մի փաստ. նրա մահից շատ ու շատ տարիներ հետո, երիտասարդ կոմպսզիտոր Պրոկոֆևը, որ նշանավոր մարդկանցից խնդրում էր արևի մասին որևէ բան գրել իր ծոցատետրում, դիմում է նաև մեծ գրողի պառաված այրուն, և վերջինս գրում է, որ իր կյանքի անմար արևն է Դոստոևսկին։

Ի դեպ, Դոստոևսկու մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ նրա երկրորդ ամուսնության պատմությանը, որ ուղղակի առնչված է նրա դժվար կյանքի ճգնաժամային մի պահի և բուն իսկ ստեղծագործության հետ, ու ավելին՝ եղել է շրջադարձային դեպք։

1866 թվականի աշնանը Դոստոևսկին ընկել էր կատարելապես հուսահատական վիճակի մեջ։ Մինչ այդ, երբ պարտատերերն սպառնում էին բանտ նետել հանճարեղ գրողին, նա փող ճարելու համար ստիպված էր եղել, ոչ մեծ գումարի դիմաց, ստորագրել մի նենգ հրատարակչի առաջարկած պայմանագիրը որով հանձն էր առնում որոշյալ Ժամկետին բոլորովին նոր վեպ տրամադրել նրան. ուշացնելու դեպքում՝ ամբողջ ինը տարի նրա ստեղծելիք բոլոր երկերը դառնալու էին հրատարակչի սեփականությունը, և վերջինս ըստ իր հայեցողության էր վարվելու հեղինակի հետ։ Եվ ահա, մեկ ամիս էր մնացել մինչև ժամկետը, իսկ Դոստոևսկին դեռ ոչ մի տող չէր գրել նոր վեպից, քանի որ աշխատում էր «Ոճիր և պատիժի» վրա, մաս առ մաս հասցնելով ամսագրին։ Իրոք որ ճգնաժամային, անելանելի վիճակ՝ մեկ ամիս հետո այդ գիշատիչ հրատարակչի ստրուկը դառնալու հեռանկարով։ Բայց նոր վեպի ծրագիրը արդեն մշակված ուներ մտքում, և բարեկամներից մեկը առաջարկում է հավաքվել ընկերներով, գլուխների բաժանել այդ ծրագիրը և գրել միացյալ ուժերով։ Դոստոևսկին մերժում է այդ առաջարկը. «Ես երբեք իմ անունը չեմ դնի ուրիշի աշխատանքի տակ»։ Բայց ընդունում է մի ուրիշ առաջարկ՝ վեպը թելադրել մի սղագրուհու, թեպետ երբեք չէր փորձել աշխատելու այդ ձևը։ Հաջորդ օրը նրա մոտ ուղարկում են սղագրական դպրոցի լավագույն ուսանողուհի Աննա Սնիտկինային։ Դոստոևսկին ընդհատում է «Ոճիր և պատիժը» և... քսանվեց օրում կարողանում է ստեղծել «Խաղամոլը» վեպը, թելադրելով սղագրուհուն։ Երևի ճիշտ է, որ չկա չարիք առանց բարիքի։ Հենց այդ օրերից էր, որ մի նոր կյանք սկսվեց քառասունհինգամյա Դոստոևսկու համար. ճակատագիրը ժըպաց հանկարծ, անցած տառապանքների դիմաց նրան վարձատրեց անփոխարինելի, տևական երջանկությամբ, որի անունն էր Աննա Գրիգորևնա Սնիտկինա։ Քսանմեկամյա սղագրուհին մի քանի ամիս հետո դարձավ նրա կինը՝ ոչ միայն սիրազեղ, այլև գործնական խելքի տեր Անյան, որ եղավ նրա զավակների մայրը, եղավ նրա մշտական քարտուղարն ու սղագրուհին, եղավ նաև, այսպես ասած, նրա գործերի կառավարիչը. նա իր վրա վերցրեց բոլոր ֆինանսական ու հրատարակչական գործերը և կամաց ֊կամաց կարգավորեց դրանք, նա էր, որ մեծ գրողին ազատեց ի վերջո ոչ միայն դրամական հոգսերից, այլև անողոք պարտատերերի սպառնալիքներից։ Մի խոսքով, նա եղավ կյանքի այնպիսի ընկեր, որ տասնչորս տարի հետո, մահվան անկողնում, Դոստոևսկին շնորհակալություն հայտնեց նրան՝ պարգևած երջանկության համար։ Իր վերջին, խոշորագույն վեպը՝ «Կարամազով եղբայրները», ձոնեց իր Անյային, որը նրա մահից հետո էլ շարունակեց հանճարեղ ամուսնու հիշատակին ծառայել, ամբողջ կյանքը նվիրեց նրան մինչև վերջ։

Այդ տասնչորս տարիների ընթացքում Դոստոևսկին գրեց գեղարվեստականդ քննադատական հրապարակախոսական, մինչև իսկ քաղաքական բազմաթիվ երկեր (չհաշված հատորներ կազմող նամակները, որոնք երբեմն գեղարվեստական երկի արժեք ունեն), ըստ որում չորս մեծ վեպ՝ «Ապուշը», «Դևերը», «Պատանին» և «Կարամազով եղբայրները», որոնք, «Ոճիր և պատիժի» հետ, նրա ստեղծագործության գլխավոր կառույցն են կազմում՝ նրա մեծ վեպերի «հնգամատյանը»։

Դոստոևսկու ամենասիրելի գրքերից էր Սերվանտեսի մշտնջենական գլուխգործոցը։ Բարի ու ծիծաղելի, տխուր ու գեղեցիկ, իր «խենթությամբ» իսկ իմաստուն և վսեմ Դոն Կիխոտը՝ մարդկության հավիտենական երազանքների և դեպի իդեալը ձգտող անվհատ «արկածախնդրությունների» այդ մարմնացյալ պատկերը, խորապես հուզում էր Դոստոևսկուն։ Դոն Կիխոտի մասին ամենաուժեղ արտահայտություններից մեկը պատկանում է նրան. «Առայժմ դա վերջին ու մեծագույն խոսքն է մարդկային մտքի... և եթե վերջ գտներ երկիրն ու հեռու մի տեղից հարցնեին մարդկանց՝ «ի՞նչ է, հասկացա՞ք ձեր կյանքը երկրի վրա և ի՞նչ եզրակացրիք դրա մասին», մարդը կարող էր լռելյայն մեկնել Դոն Կիխոտը՝ «Ահա իմ եզրակացությունը կյանքի մասին, և կարո՞ղ եք ինձ դատապարտել դրա համար»։ Դոստոևսկին, անկասկած, իր սեփական հոգու ամենախոր, ամենանվիրական ձգտումներն էր տանում այդ մեծ կերպարի մեջ, որ առնչվում էր նաև իր համար իդեալ դարձած Քրիստոսի հետ, և այդ երկու կերպարներն էլ մշտապես ոգևորում էին նրան, հակառակ իր նույնքան խոր տարակույսներին և իրատես հոգեբան-մտածողի տրտում և բարեմիտ իրոնիային, ավելի ճիշտ՝ այդ տարակույսների և իրոնիայի բովից անցնելով։

Զարմանալի չէ, ուրեմն, որ Դոստոևսկին ձգտեր ստեղծել ժամանակակից Դոն Կիխոտի կերպարը՝ իր դարաշրջանի իրականության հետ բախվող «կատարելապես գեղեցիկ մարդուն», մի նոր իմաստուն «ասպետի»։ Եվ այդ ձգտումից ծնվեց «Ապուշը» վեպը՝ անմոռանալի Միշկինը, այդ նոր «արկածախնդիրը», բարոյական անհուն մաքրության, խղճի գերագույն իմաստության տեր մարդը, բնական, անկեղծ, «միամիտ» մարդը, որ հենց իր հոգեկան մեծության պատճառով դատապարտված էր ծաղրի ու կործանման։ Եթե Դոն Կիխոտը խենթ էր իր շրջապատի համար, Միշկինին էլ անվանեցին «ապուշ»։ Եթե Դոն Կիխոտի վրա ծիծաղում էին զվարճանալով և չար կատակներ խաղում գլխին, Միշկինի վրա ծիծաղեցին մռայլորեն, դրամապաշտ դարի հեգնանքով, հասցրին իսկական ապուշության։ Երեխաների և տառապյալների անկեղծ ու համեստ բարեկամ, բոլոր մարդկանց երջանկությունը երազող Միշկինը գեղեցիկի և բարու տրտմահույզ բանաստեղծությունն էր դաժան ու արձակունակ իրականության մեջ, որ բարեկրթության և իմաստակ «ողջախոհության» դիմակի տակ ծաղրում է և՛ բուն գեղեցիկը, և՛ բարին, և՛ բանաստեղծությունը. թքած ունի «վերացական» իդեալների վրա։ Այդ հեգնանքի մռայլությունն այնպիսին էր, որ ոչ թե սերվանտեսյան տխրաժպիտ երգիծանք, այլ դոստոևսկիական ցնցաղ դրամատիզմ էր հարկավոր՝ բացահայտելու համար այս նոր Դան Կիխոտի «արկածախնդրության» ողբեգականությունը։ Նրա մեծությունն իսկապես հասկացավ է «անառակ», այսինքն նույն այդ իրականության ստրուկը դարձած կինը մեծ կրքերի ու մեծ հոգու տեր գեղեցկուհի Նաստասյա Ֆիլիպավնան, որ տեսնելով այդ մաքրազարդ «ասպետին», աոաջին անգամ «իսկական մարդ» տեսնելով՝ խորապես սիրեց նրան ու վերածնվեց, ոտքի ելավ, մի տեսակ դոնկիխոտացավ նույնպես, սկսեց ապրել։ Բայց դուրս գալով անարգ ու անկենդան իրականությունից, նա հանդիպեց բուն իսկ կյանքի երկու հավասարազոր բևեռներին՝ Միշկինին ու Ռոգոժինին, հոգեկան բարձրության «ասպետին» և ճակատագրական կրքերի «ասպետին»։ Եվ ընկավ մարդկային սիրտը փոթորկող մշտնջենական երկվության մեջ։ Իրեն անարժան համարեց հոգու ասպետին, ծնրադիր համբուրեց նրա ձեռքերը, արտասվելով, և գնաց դեպի կրքերի վիհը, դեպի իր կործանումը։ Միշկինն իր անարատ սիրո զորաւթյամբ ուզեց «փրկել» այդ գեղեցիկ տառապյալին, Ռոգոժինն իր անհագ, բայց նույնքան խոր ու անկեղծ կրքով տենչաց նրան և... սպանեց։ Բարու և գեղեցիկի բանաստեղծությունը դարձավ երազի պես հոյակապ, բայց կյանքի իրականության պեա ողբերգական պոեմ։ Անհունորեն խորհրդանշական է վեպի վերջին տեսարանը, ուր Նաստասյա Ֆիլիպովնայի դիակի առաջ կիսախելագար վիճակում իրար են գգվում եղբայրացած Միշկինն ու Ռոգոժինը՝ կյանքի ճակատագրական երկվության բևեռները՝ հոգու և մարմնի ասպետները։

«Կարամազավ եղբայրները» Դոստոևսկու վերջին վեպն է, որի հիմքում նա, ինչպես հաճախ նրա երկերում, ընկած է իրական մի պատմություն՝ հայրասպանաւթյան «ահավոր մեղադրանքով» իզուր դատապարտված մի երիտասարդ սպայի ողբերգությունը։ Դոստոևսկին չոսր տարի ապրել էր այդ սպայի հետ աքսորավայրում, հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով հայրասպանի հանդեպ, որ չէր ընդունում մեղադրանքը և հետո նկարագրել էր նրան իր «Հուշեր Մեռյալ տնից» գրքում։ Իսկ երբ ավելի ուշ պարզվել էր, որ իրոք անմեղ է այդ սպան և իզուր է խորտակվել նրա կյանքը, Դոստոևսկուն առավել ևս ցնցել էր «ամբողջ խորությամբ ողբերգական» պատմությունը։ Եվ ահա երկար տարիներ հետո այդ պատմությունը, որ բազմակողմանիորեն իմաստավորվել, խորհրդանշական բնույթ էր ստացել նրա ստեղծագործական մտածողության մեջ, ի վերջո հիմք է ծառայում փիլիսոփայական մեծ ընդգրկում ունեցող վիթխարի վեպի համար, ուր համադրվում և մարմնավորվում են նաև այլ մտահաղացումներ, որոնք վաղուց հասունանում էին, ելք փնտրում. ժամանակակից կյանքի և առհասարակ մարդկային կեցության էական խնդիրներ շոշափող մեծ մտահաղացումներ...

Արդարև՝ այս կոթողային երկը՝ տիտիանի երկ, որ համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, ամփոփում է Դոստոևսկու ստեղծագործության բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են կյանքի ընթացքում՝ կյանքի և մահվան խորհուրդի, աստծո գոյության կամ չգոյության, մարդու բարոյական էության և կրքերի բռնության, բանականության և սրտի, ատելության ու ոիրո, կյանքի դեմ գործված ոճրի և բնական հատուցման, խղճի դատաստանի և օրինական դատի, մարդկանց տարանջատող իրականության և միավորման իդեայի, աշխարհի անկատար կարգուսարքի և ապագա գերագույն ներդաշնակության, հրեշտակային գեղեցկության և սոդոմական գեղեցկության, անառակ բարքի և սուրբ վարքի, բարոյական կործանման ու վերածնման, մի խոսքով՝ մարդկային գոյության կենսական խնդիրները։ Եվ այդ բոլորը տրված են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանապտույտում, ուր աշտարակվում են վեպի գագաթնակետերը որտեղից կարծես Դոստոևսկին՝ մեծ տառապյալն ու իմաստունը, մարդկային խղճի ու մտքի ձայնն է արձակում դարերի, նույնիսկ տիեզերքի մեջ։ Այդպիսի գագաթնակետերից է, օրինակ, «Ըմբոստություն» գվոլխը՝ Իվան Կարամազովի հրեղեն բողոքն «աստծո ստեղծած աշխարհի» դեմ, ուր ոչ միայն առյուծն ստիպված է հոշոտել եղնիկին, այլև մարդն է հոշոտում մարդուն, և ուր ամենասոսկալին այն է, որ կատարելապես անմեղ երեխան անգամ զերծ չէ տառապանքից ու հոշոտումից։ Թանձրացյալ կերպարներով, իրավիճակներով ու գործողություններով հարուստ, գեղարվեստական ու գաղափարական լիցքերով ծայր աստիճան հագեցված այս վեպը, որի համաչափությունները դիցաբանական, աստվածաշնչային են թվում իրենց նախաստեղծ ահագնությամբ, ասես ձգտում է կարամազովյան ամբողջության մեջ ընդգրկել մարդկային բնության էական կողմերը։ Եվ միաժամանակ, կերպարների, գործողությունների, երկխոսությունների մեջ արտահայտված միտք-հույզերը, զարմանալի մի երաժշտականությամբ, ինչպես մեծակտավ սիմֆոնիայում, ընդելուզվում են իրար, խորանում ամբողջանում իրարով, կազմում մի մեծ ու բարդ ներդաշնակություն, որ ընթերցողին տալիս է կյանքի խորքերը բացահայտող, դժվար ճանապարհով դեպի կենսահաստատ լույսը տանող ու «միջուկային զորությամբ» լի բարոյական ապրումներ։ Այդ ապրումներն սքանչելի է արտահայտել ռուս նշանավոր նկարիչ Կրամսկոյը, երբ Դոստոևսկու մահվան օրերին գրել է մի նամակում, թե «Կարամաղով եղբայրները» կարդալուց հետո սոսկումով նայում էր շուրջը և զարմանում էր, որ աշխարհը դեռ շարունակում է հին ձևով ընթանալ և շուռ չի եկել իր առանցքի վրա, ու թե՝ ինչպե՞ս դեռ կան մարդիկ, որոնք կողոպտում են մերձավորին, կա քաղաքականություն, որ բացահայտորեն կեղծավորություն է դավանում, կան հովվապետներ, որոնք ամենայն հանգստությամբ համարում են, թե Քրիստոսի գործը մի բան է, կյանքի գործնական կողմը՝ ուրիշ բան։ Նշանակալից է, որ մեր ժամանակի մեծագույն բնագետ Էյնշտեյնը հատկապես սիրել է «Կարամազով եղբայրներ» վեպը, և նա ասել է. «Դոստոևսկին ինձ ավելին է տալիս, քան որևէ գիտնական, քան նույնիսկ Գաուսը»։

Կյանքի վերջում փառքն ինքը հասավ Դոստոևսկու ետևից։ Պուշկինի հուշարձանի բացման առթիվ Մոսկվայում նրա արտասանած ճառը ցնծության աղաղակներով ընդունվեց։ Եվ դափնիներով պսակեցին նրան։ Բայց նույն գիշերը նա այդ դափնեպսակը դրեց նոր բացված հուշարձանի տակ և, գիշերվա մենության մեջ, ռուսական հնավանդ երկրպագությամբ մինչև գետին խոնարհվեց Պուշկինի առաջ, որի աշակերտն էր համարել իրեն։

Իսկ այսօր հանրահայտ իրողություն է, որ Դոստոևսկին, իր անսպառ ստեղծագործության շատ կողմերով, շատ ու շատ գրողների ուսուցիչ է եղել ու շարունակում է լինել ամբողջ աշխարհում։ Ճիշտ է, քննադատական միտքը, թե՛ Ռուսաստանում, թե՛ մանավանդ Արևմուտքում, մինչև Առաջին համաշխարհային պատերազմի բարոյական մեծ ճգնաժամն ապրելը դեռ լրիվ չէր հասկանում Դոստոևսկու ստեղծագործության բուն էությունը, նրա արվեստի բերած արմատական նորությունները, որովհետև նրա վեպերը դիտում էր աշխարհի «էվկլիդյան» պատկերացումով ստեղծված «կանոնավոր» արվեստի չափանիշներով, չէր ընկալում հենց այն նոր տեսանկյունը, որով Դոստոևսկին անհունորեն խորանում էր մարդու հոգեկան աշխարհի մեջ։ Սրանով է բացատրվում, անշուշտ, այն տարօրինակ փաստը, որ «Ապուշը», «Դևեր», «Կարամազով եղբայրներ» վեպերն այն ժամանակ գրեթե ձախողված էին համարում ոմանք և գտնում էին, որ «Ոճիր և պատիժ» վեպից հետո Դոստոևսկու տաղանդը... անկում է ապրել։ Չէին հասկանում, օրինակ, որ Դոստոևսկու վեպերի կառուցվածքն արտահայտում է կյանքի թաքուն զարտուղությունների միասնությունն ու դրանց փիլիսոփայական իմաստավորումը, հարկ եղած դեպքում անտեսելով արվեստի ընդունված կանոնները, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին արել էր մի ուրիշ նորարար տիտան՝ Շեքսպիրը։ Նրա «անփույթ, անմշակ» գրելաձևի տակ չէին տեսնում գեղարվեստական պատկերման նոր հնարանքները, որոնք ծնվել էին հենց այդ նոր, ավելի խորաթափանց տեսանկյունից, արտահայտչական շշմեցուցիչ ուժ հաղորդելով նրա վեպերին։ Չէին հասկանում մանավանդ Դոստոևսկու արվեստի ուժեղագույն կողմը՝ լայն իմաստով երկխոսոէթյունը, որ սիմֆոնիկ է իր կառուցվածքով և հագեցած ոչ միայն բուն իսկ կյանքի տարերային ուժականությամբ, այլև խորունկ հուներով ընթացող փիլիսոփայական կենդանի որոնումներով ու բախումներով։ Որպես արտառոց փաստ, ի միջ ի այլոց, կարելի է հիշել, որ այդ շրջանի մի քննադատ (Ցաբել) Դոստոևսկուն մեղադրել է, թե... նա «իր ապրուստը ապահովելու մտահոգությամբ ձգձգել է» և «անվերջանալի մի երկխոսություն» է դարձրել իր վերջին վեպը, այսինքն «Կարամազով եղբայրները», որի հենց ներքին կառուցվածքի վիթխարի, կյանքի պես հակասական ներդաշնակությունը խուսափել է քննադատի աչքից. մարդը ուզել է տոնական կոկիկ մի հրախաղ տեսնել այնտեղ, ուր հրաբխի լավան է դեպի երկինք Ժայթքում։ Բայց նույնիսկ նշանավոր քննադատ Բրանդեսը, որ իր Ժամանակին ավելի խոր է թափանցել Դոստոևսկու ստեղծագործության մեջ, հասկանալով մանավանդ նրա երկխոսության ուժը և նրան կոչելով «մեծագույն դիալեկտիկ», համենայն դեպս ասում է. «Լինելով մեծ չափով բանաստեղծ, նա աննշան չափով արվեստագետ էր...»։ Եվ այն էլ նկատի ունենալով հատկապես «Ոճիր և պատիժ» վեպը, որ Դոստոևսկու վեպերից ամենակատարյալն է, գուցե, հենց «արվեստի» տեսակետից։

Այսօր այդ կարծիքները ոչ միայն զարմանք են պատճառում, այլև ավելի ևս ակնբախ են դարձնում այն նորությունը, որ Դոստոևսկու ստեղծագործությունը բերեց համաշխարհային գրականության մեջ։ Իրոք, այսօր անկարելի է համաշխարհային գրականությունը պատկերացնել առանց Դոստոևսկու ազդեցության։ Իրարից այնքան հեռու գրողներ, ինչպես հենց Տոլստոյը ամենից առաջ և Գորկին, Պրուստը և Թոմաս Մաննը, Ստեֆան Ցվայգն ու Գոլսուորդին, Լեոնովն ու Հեմինգուեյը, Կաֆկան ու Կազանձաքիսը, Լոուրենսն ու Տրուայան, Կամյուն ու Ֆոլկները, Բուլգակովն ու Դյուրրենմատը, վեջերս նաև լատինաամերիկյան գրողները՝ սկսած բրազիլացի Հիմարաենս Ռոզայից մինչև կոլումբացի Մարկեսը, ինչպես և շատ ու շատ ուրիշներ (իսկ մեր հայ գրականության մեջ, օրինակ, Նար֊Դոսը), կամա թե ակամա, ուղղակի կամ անուղղակիորեն, խոստովանեն կամ ոչ, ինչ֊որ բանով պարտական են Դոստոևսկու արվեստին կամ աշխարհազգացողությանը, նրա նորարարության բաց արած հնարավորություններին։

Ինչո՞վ կարելի է բացատրել Դոստոևսկու ներգործության այդ վիթխարի ուժը։ Ամենից առաջ, անշուշտ, նրա խորագույն, տառապագին մարդասիրությամբ, հասարակությանն ու անհատին հուզող սոցիալական ու բարոյական ամենասուր հարցերի անսքող, արտակարգ խորաթափանց պատկերմամբ, դրանց լուծումը գտնելու անձնական մտահոգությամբ, որ բուն իսկ պաթոսն է նրա ստեղծագործության, և որով պայմանավորված են նրա արվեստի յուրահաակությունները։ «Կեղևից մինչև կորիզը արցունքներով հագեցած» այս երկրագնդի վրա կյանքի աղաղակող անհեթեթություններով տվայտող հանճարը մշտապես տենչացել է սոցիալական ու բարոյական համընդհանուր ներդաշնակություն, այնպիսի ներդաշնակություն, ուր չանտեսվի թեկուզ մի երեխայի արցունքն անգամ, և ուր ամեն մի անհատ իր լիարժեք ձայնն ունենա։ Հակառակ իր տանջալի տարակույսներին, նա հավատում էր, որ հնարավոր է այդ ներդաշնակությունը երկրի վրա, որքան էլ անլուծելի լինեն որոշ բնական հակասություններ, և միաժամանակ կանխատեսում էր ու նախազգուշացնում, որ աններդաշնակ աշխարհում քաղաքակրթության բուռն առաջընթացը հղի է ճակատագրական աղետներով։

Ուրիշ հարց է այն, թե Դոստոևսկին, մանավանդ իբրև գաղափարախոս, և առավելապես իր հրապարակախոսական գործերում, երկրային ներդաշնակության համար ուղիներ որոնելիս երբեմն հիմնվում էր վիճելի, նույնիսկ հետադիմական տեսակետների վրա, մանավանդ կյանքի վերջին շրջանում, երբ շփում ուներ ցարական քաղաքականության ջատագովներ Պոբեդոնոսցևի և Կատկովի հետ, թեպետ նրանց հայացքներին էլ հակադրվում էր հաճախ, թեկուզ ներքուստ, անսալով իր խղճի ձայնին և ճշմարտատես արվեստագետի իր հանճարին։ Որպես իրապաշտ արվեստագետ ու մեծ մարդասեր, Դոստոևսկին մշտապես որոնումների մեջ էր, մշտապես տվայտում էր կյանքի խորքից իր հայտնաբերած հակասություններով և դրանց փիլիսոփայական իմաստավորմամբ, և այդ հակասություններից ծնվում էին թեր ու դեմ գաղափար-զգացումներ, որոնք տարբեր բևեռներից նույն ահռելի ուժով խռովում էին նրա հոգին և նրա վեպերում արտահայտություն էին գտնում որպես հակընդդեմ ու հավասարազոր ձայներ, «որովհետև,-ինչպես ասում էր ինքը,— ամբողջ խնդիրն էլ այն է, թե ինչը պետք է համարել ճշմարտություն»։ Ամբողջ «Կարամազով եղբայրներ» վեպն էլ հենց մի տիտանական ասպարեզ է, ուր թեր և դեմ կարծիքներ բախվում են ա՛յդ խնդրի շուրջ, որը վերջին հաշվով մնում է որպես խոշոր հարցական՝ ամբողջ մարդկությանն ուղղված։

Իր ժամանակի անմիջական հարցերով տառապած գրողը, որի երկերը երբեմն ոչ թե գրական ստեղծագործության, այլ պարզապես խղճի ձայնից թելադրված խորագույն ապրումների գրառման տպավորություն են թողնում, գրական արվեստի մեծագույն նորարարներից մեկը եղավ, իր հայտնատեսությամբ հավերժական վկայություններ բերեց մարդկային հոգու անհունից, մարդկության առաջ ծառացած ճակատագրական խնդիրները շոշափելի կենդանությամբ պատկերեց իր վեպերաւմ, մի խոսքով՝ տառապանքների աղջամուղջում դարձավ խղճի աղաղակ։ Եվ եթե իր ժամանակին նա տարօրինակ էր թվում շատերին, այսօրվա տենդագին աշխարհում ավելի ու ավելի այժմեական է դառնում իր «ֆանտաստիկ իրապաշտությամբ»։