«Չինովնիկի մահը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Չինովնիկի մահը |հեղինակ = Անտոն Չեխով |թարգմանիչ = Ա. Փալանջյան |աղբյուր = }}...»:)
(Տարբերություն չկա)

16:41, 21 Հունվարի 2016-ի տարբերակ

Չինովնիկի մահը

հեղինակ՝ Անտոն Չեխով
թարգմանիչ՝ Ա. Փալանջյան

Մի հիանալի երեկո, ո՛չ պակաս հիանալի էկզեկուտոր Իվան Դմիտրիչ Չերվյակովը նստած էր պարտերի երկրորդ կարգում և հեռադիտակով դիտում էր «Կորնեվիլյան զանգերը»։ Նա դիտում և գերագույն երանություն էր զգում։ Բայց հանկարծ... Պատմվածքներում այդ «բայց հանկարծը» հաճախ է պատահում։ Հեղինակները իրավացի են. կյանքն այնպե՜ս լի է անակնկալներով։ Բայց հանկարծ նրա դեմքր կնճռոտվեց, աչքերը չռվեցին, շնչառությունը կանգ առավ... Նա հեռադիտակը հեռացրեց աչքերից, կռացավ ու... ափչիհա՜։ Փռշտաց, ինչպես տեսնում եք։ Փռշտալ ոչ ոքի և ոչ մի տեղ չի արգելվում։ Փռշտում են թե՛ մուժիկները, թե՛ ոստիկանապետերը և թե՛ երբեմն էլ նույնիսկ գաղտնի խորհրդականները։ Բոլորն էլ փռշտում են։ Չերվյակովը ոչ մի անհարմարություն չզգաց, թաշկինակով սրբեց թքի ցայտքերը և իբրև քաղաքավարի մարդ իր շուրջը նայեց, արդյո՞ք իր փռշտոցով մեկնումեկին չանհանգստացրեց։ Բայց այստեղ նա արդեն անհարմարություն զգաց։ Նա տեսավ, որ իր առջևը, պարտերի առաջին շարքում նստած մի ծերուկ ձեռնոցով խնամքով սրբում է իր ճաղատն ու պարանոցը և ինչ֊որ բան է քրթմնջում։ Չերվյակովը ճանաչեց ծերուկին, այդ քաղաքացիական գեներալ Բրիզժալովն էր, որ ծառայում էր հաղորդակցության ճանապարհների գերատեսչությունում։

«Թուքս ցայտել է նրա վրա,— մտածեց Չերվյակովը։— Իմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել»։

Չերվյակովը հազաց, մարմինն առաջ մղեց ու շշնջաց գեներալի ականջին.

― Ներեցե՛ք, ձերդ գերազանցություն, իմ թուքը ցայտեց ձեր վրա... ինձնից անկախ։

— Ոչինչ, ոչինչ...

― Ներեցեք, ի սեր աստուծո։ Ես հո... ես չէի՜ ուզում։

— Ա՜խ, նստեցեք խնդրեմ։ Թողե՛ք լսենք։

Չերվյակովը շփոթվեց, հիմարաբար ժպտաց ու սկսեց բեմին նայել։ Նայում էր նա, բայց այլևս երանություն չէր զգում։ Անհանգստությունն սկսել էր տանջել նրան։ Ընդմիջումին նա մոտեցավ Բրիզժալովին, մի քիչ քայլեց նրա կողքից և, երկչոտությունը հաղթահարելով, մրմնջաց.

— Իմ թուքը ցայտեց ձեր վրա, ձերդ գերազանցություն... Ներեցե՜ք... Ախր ես... ոչ թե...

— Ա՜խ, բավական է... Ես արդեն մոռացել էի, իսկ դուք դարձյալ նույնն եք կրկնում,— ասաց գեներալը և անհամբերությամբ շարժեց ներքևի շրթունքը։

«Մոռացել է, իսկ աչքերում թաքցրած դժգոհություն կա,—մտածեց Չերվյակովը՝ կասկածամիտ հայացքներ գցելով գեներալի վրա։— Խոսել էլ չի ուզում։ Պետք է նրան բացատրել, որ ես բնավ չեմ ցանկացել... որ այդ՝ բնության օրենք է, ապա թե ոչ կկարծի, թե ես ցանկացել եմ թքել։ Եթե այժմ էլ չմտածի, հետո կմտածի...»

Տուն գալով, Չերվյակովը պատմեց կնոջն իր անքաղաքավարության մասին։ Կինը, ինչպես Չերվյակովին թվաց, չափազանց թեթևամիտ վերաբերվեց կատարվածին. նա միայն վախեցավ, իսկ հետո, երբ իմացավ, որ Բրիզժալովը իր «սեփական» պետը չի, հանգստացավ։

— Բայց դու, այնուամենայնիվ, անցիր նրա մոտ, ներողություն խնդրիր,— ասաց կինը.— կկարծի, թե դու հասարակության մեջ քեզ պահել չգիտես։

— Բանն էլ հենց այդ է, է՛։ Ես ներողություն խնդրեցի, Բայց նա մի տեսակ տարօրինակ... Ոչ մի կարգին բան չասաց։ Ասենք, խոսելու ժամանակ էլ չկար։

Հետևյալ օրը Չերվյակովը հագավ իր նոր վիցմունդիրը, մազերը մկրատով սարքել տվեց ու գնաց Բրիզժալովի մոտ բացատրվելու... Մտնելով գեներալի ընդունարանը, նա այնտեղ տեսավ բազմաթիվ խնդրատուներ, իսկ խնդրատուների մեջ նաև՝ գեներալին, որն արդեն սկսել էր դիմումներ ընդունումը։ Մի քանի խնդրատուների հարցուփորձ անելով, գեներալը հայացքը բարձրացրեց նաև Չերվյակովի վրա։

— Երեկ «Արկադիայում», եթե կհիշեք, ձերդ գերազանցություն,— սկսեց շարադրել էկզեկուտորը,— ես փռշտացի ու... անակնկալ կերպով թուքս ցայտեց... Ներ...

— Ի՜նչ դատարկ բան... Աստվա՜ծ գիտե՝ ինչ։ Դուք ի՞նչ եք ուզում,— դարձավ գեներալը հետևյալ խնդրատուին։

«Խոսել չի ուզում,— մտածեց Չերվյակովը՝ գունատվելով.— ուրեմն բարկանում է... ո՛չ, այս այսպես թողնել չի կարելի... Ես նրան կբացատրեմ...»։

Երբ գեներալը վերջացրեց զրույցը վերջին խնդրատուի հետ և քայլերն ուղղեց դեպի խորքի սենյակները, Չերվյակովը քայլեց նրա հետևից ու մրմնջաց.

— Զե՜րդ գերազանցություն։ Եթե ես հանդգնում եմ անհանգստացնել ձերդ գերազանցությանր, ապա, կարող եմ ասել, հատկապես զղջման զգացումից դրդված... Դիտավորյալ չի եղել, ինքնե՜րդ էլ կհաճեք իմանալ։

Գեներալը դեմքին տխուր տեսք տվեց ու ձեռքը թափահարեց։

— Է՛, դուք պարզապես ծաղրում եք, հարգելի պարոն,— ասաց նա, ներս գնալով ու դուռը ծածկելով։

«Այստեղ ի՞նչ ծաղր կա,— մտածեց Չերվյակովը։— Այստեղ բնա՜վ էլ ոչ մի ծաղր չկա։ Գեներա՜լ է, բայց չի կարողանում հասկանալ։ Որ այդպես է, ես ինչո՞ւ պետք է նորից ներողություն խնդրեմ այդ ֆանֆարոնից։ Գրո՜ղն իր հետ։ Նամակ կգրեմ իրեն, բայց ինքս չե՜մ գնա։ Աստվա՜ծ վկա, չեմ գնա»։

Այսպես էր մտածում Չերվյակովը տուն գնալիս։ Գեներալին նամակ նա չգրեց։ Մտածեց, մտածեց ու ոչ մի կերպ չկարողացավ այդ նամակը հորինել։ Ստիպված եղավ մյուս օրը գալ՝ անձամբ բացատրելու։

— Ես երեկ եկել էի ձերդ գերազանցությանն անհանգստացնելու,— մրմնջաց նա, երբ գեներալն աչքերի հարցական հայացքը նրա վրա բարձրացրեց.— ոչ թե ծաղրելու դիտավորությամբ, ինչպես դուք հաճեցիք ասել։ Ես ներողություն էի խնդրում այն բանի համար, որ փռշտալիս թուքս ցայտել էր․․․ իսկ ծաղրել իմ մտքով էլ չէր անցել։ Մի՞թե ես կհամարձակվեմ ծաղրել։ Եթե մենք էլ ծիծաղենք, ուրեմն այն ժամանակ նշանակում է էլ ոչ մի հարգանք դեպի պերսոնները... չի մնա...

— Դո՜ւրս կորիր,— կապտելով ու դողալով, հանկարծ ծղրտաց գեներալը։

— Ինչ հրամայեցի՞ք,— շշնջյունով հարցրեց Չերվյակովը, սարսափից կարկամելով։

— Դո՜՜ւրս կորիր,— կրկնեց գեներալը, ոտքերը գետին զարկելով։

Չերվյակովի ներսում ինչ֊որ բան կտրվեց։ Ոչինչ չտեսնելով, ոչինչ չլսելով, նա ետ֊ետ գնաց դեպի դուռը, փողոց դուրս եկավ ու, հազիվհազ քարշ գալով, քայլեց... Մեքենայաբար տուն գալով, առանց վիցմունդիրը հանելու, նա պառկեց բազմոցի վրա ու... մեռավ։

_1883_