«Հաստլիկն ու նիհարը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Հաստլիկն ու նիհարը |հեղինակ = Անտոն Չեխով |թարգմանիչ = Ա. Փալանջյան |աղբյուր...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 17:19, 23 Հունվարի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Անտոն Չեխով |
Նիկոլաևյան երկաթգծի կայարանում հանդիպեցին երկու ծանոթ մարդիկ՝ մեկը հաստլիկ, մյուսը նիհար։ Հաստլիկը հենց նոր էր ճաշել կայարանում, և նրա յուղոտ շրթունքները հասած բալի պես փայլում էին։ Նրանից գալիս էր խերեսի ու ֆլյոր֊դ'օրանժի բուրմունք։ Իսկ նիհարը նոր էր դուրս եկել վագոնից ու ծանրաբեռնված էր ճամպրուկներով, կապոցներով ու տուփերով։ Նրանից դալիս էր խոզի ապուխտի ու սուրճի հոտ։ Նրա ետևում կանգնած էին երկար կզակով մի նիհար կին՝ նրա կինը, և աչքի մեկը կկոցած մի բարձրահասակ գիմնազիստ՝ տղան։
— Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։
— Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։
Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։
— Սիրելիս,— համբուրվելուց հետո սկսեց նիհարը։— Բոլորովին չէի սպասում։ Ա՜յ սյուրպրիզ, Ապա մի լավ նայիր ինձ։ Նույն սիրուն տղան ես, ինչպես որ առաջ։ Նույն պաշտելին ու կոկիկ հագնվելու սիրահարը։ Տե՜ր իմ աստված։ Դե, ինչպե՞ս ես։ Հարո՞ւստ ես։ Ամուսնացե՞լ ես։ Ես, ինչպես տեսնում ես, արդեն ամուսնացել եմ... Ահա սա կինս է՝ Լուիզան, ծագումով Վանցենբախ... լութերական... Իսկ սա տղաս է՝ Նաֆանաիլը, III դասարանի աշակերտ։ Սա, Նաֆանաիլ, մանկությանս ընկերն է։ Գիմնազիայում միասին էինք սովորում։
Նաֆանաիլը մի պահ մտածեց ու հանեց գլխարկը։
— Գիմնազիայում միասին էինք սովորում,— շարունակեց նիհարը։— Հիշո՞ւմ ես, թե ինչպես էին քեղ ծաղրում։ Քեզ անվանում էին Հերոստրատ այն բանի համար, որ դու պետական գիրքը ծխախոտով այրեցիր, իսկ ինձ՝ Էֆիալտ, որովհետև սիրում էի չարախոսել։ Հը՛, հը՛... Երեխաներ էինք։ Մի վախենա, նաֆանյա, մոտեցիր նրան... Իսկ սա իմ կինն է, ծագումով Վանցենբախ... լութերական...
Նաֆանաիլը փոքր֊ինչ խորհեց ու թաքնվեց հոր ետևում։
— Դե, դու ո՞նց ես ապրում, սիրելիս,— հարցրեց հաստլիկը, հիացմունքով նայելով ընկերոջը։— Ծառայո՞ւմ ես որևէ տեղ։ Աստիճան ունե՞ս։
— Ծառայում եմ, սիրելի բարեկամս։ Երկրորդ տարին է, որ կոլեգիական ասեսոր եմ, Ստանիսլավի շքանշան ունեմ։ Ռոճիկս անբավարար է... դե՛, ինչ արած։ Կինս երաժշտության դասեր է տալիս, ես մասնավոր կերպով փայտից ծխախոտի տուփեր եմ պատրաստում։ Հիանալի տուփեր։ Հատը մեկ ռուբլով եմ վաճառում։ Եթե որևէ մեկը վերցնում է տասը հատ կամ ավելի, նրան, երևակայիր, զեղչ եմ անում։ Մի կերպ յոլա ենք գնում։ Ծառայում էի, ուրեմն, դեպարտամենտում, իսկ այժմ փոխադրել են այստեղ դիվանապետի պաշտոնով, նույն գերատեսչության գծով... Այստեղ պետք է ծառայեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես։ Հավանաբար, արդեն պետական խորհրդական ես։ Հը՞։
— Ո՛չ, սիրելիս, ավելի վեր բարձրացիր,— ասաց հաստլիկը։— Ես արդեն գաղտնի խորհրդականի աստիճան ունեմ... Երկու աստղով եմ պարգևատրվել։
Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ... Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։ Կնոջ երկար կզակն ավելի երկար դարձավ, Նաֆանաիլը դիք ձգվեց ու կոճկեց մունդիրի բոլոր կոճակները...
— Ես, ձերդ գերազանցություն... Շա՛տ ուրախ եմ։ Մանկության, այսպես ասած, ընկերս ու հանկարծ դարձել եք մեծ իշխանավոր։ Հի՛֊հի՛...
— Դե, վերջ տուր,— խոժոռվեց հաստլիկը։— Ո՞ւմ է պետք այդ տոնը։ Մենք մանկության ընկերներ ենք և այդպիսի աստիճանավորության կարիք չկա։
— Ներեցեք... Ինչպե՜ս կարելի է...— քծնանքով ծիծաղեց նիհարը՝ ավելի ևս կծկվելով։— Ձերդ գհրազանցության բարեհաճ ուշադրությունը... մի տեսակ կենարար թարմություն է... Ահա սա, ձերգ գերազանցություն, իմ որդի Նաֆանաիլն է... Կինս՝ Լուիզան, լութերական, որոշ տեսակետով...
Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։
Նիհարը սեղմեց նրա երեք մատը, խոնարհվեց ամբողջ մարմնով ու չինացու պես ծիծաղեց՝ «հի՛-հի՛֊հի՛»։ Կինը ժպտաց, Նաֆանաիլը մեծարանքով քստքստացրեց ոտքերը ու ձեռքից վայր գցեց գլխարկը։ Նրանց երեքին էլ համակել էր հաճելի զարմանքը։
- 1883