Changes

Հեքլբերի Ֆիննի արկածները

Ավելացվել է 178 087 բայտ, 16:00, 26 Հունվարի 2016
/* Գլուխ քառասունմեկերորդ */
Ջիմը հազիվ ժամանակ ունեցավ բռնելու մեր ձեռքերն ու սեղմելու։ Վերադարձավ մյուս նեգրը, և մենք ասացինք, որ եթե ցանկանում է, մի ուրիշ անգամ էլ կգանք։ Նեգրն ասաց, որ դեմ չի լինի, հատկապես երբ մութ է, որովհետև կախարդները մեծ մասամբ վրա են տալիս մութ ժամանակ։ Լավ կլինի, եթե իր հետ մարդիկ լինեն։
 
 
==Գլուխ երեսունհինգերորդ==
 
 
Մինչև նախաճաշը դեռ մի ժամ կար։ Դուրս եկանք անտառ։ Թոմն ասաց, որ մենք պետք է լուսավորող մի բան ունենանք, թե չէ չենք տեսնի, թե ինչպես ենք փորում։ Լապտերի լույսը պայծառ է․ կարող է մեզ մատնել։ Մեզ պետք էին փայտի փտած հաստ կտորներ, որ կոչվում էին աղվեսի կրակ և մութ տեղում աղոտ լույս են արձակում։ Մենք այդ փայտերից մի գիրկ բերինք, թաքցրինք եղեգների մեջ և նստեցինք հանգստանալու։ Թոմը մի տեսակ դժգոհ ասաց․
 
― Գրո՜ղը տանի։ Ամեն ինչ շատ հեշտ ու հանգիստ է ընթանում, և մարդ դժվարանում է մի կարգին ծրագիր կազմել։ Չկա պահակ, որ դեղերով քնեցնենք։ Իսկ պահակ պետք է լիներ։ Նույնիսկ շուն չկա, որ քնաբեր դեղ տանք։ Ջիմի միայն մեկ ոտքն է տասը ոտնաչափ շղթայով կապված մահճակալի ոտքից։ Մնում է միայն բարձրացնել մահճակաը, և շղթան սահելով ցած կընկնի։ Հորեղբայր Սայլասը բոլորին հավատում է, բանալին տալիս է այդ բթամիտ նեգրին և ոչ ոքի չի ուղարկում նրան հսկելու։ Ջիմը մինչև այժմ կարող էր պատուհանի ծակից փախչել, բայց անիմաստ կլիներ, եթե տասը ոտնաչափ երկարությամբ շղթան սրունքին՝ դուրս գար ճանապարհ։ Ուղղակի ձանձրալի է, Հեք։ Ես ավելի տխմար բան չեմ տեսել։ Ինքդ պետք է հնարես բոլոր դժվարությունները։ Ինչ որ է, ոչինչ անել չենք կարող։ Պետք է լավագույն ձևով օգտագործենք մեր ձեռքի տակ եղածը։ Այնուամենայնիվ, կա մի բան։ Ավելի պատվաբեր է նրան փրկել մի շարք դժվարություններից ու վտանգներից, երբ ոչ ոք մեզ համար չի ստեղծել այդ վտանգավոր պայմանները, և մենք ինքներս պետք է դրանք հնարենք, չնայած պարտավոր չենք։ Այ, թեկուզ լապտերը։ Եթե անկեղծ խոսենք, պետք է ձևացնենք, թե իբր լապտերը վտանգավոր է։ Բայց կարծում եմ՝ մենք կարող ենք ջահի լույսով մի ամբողջ հուղարկավորություն կատարել, եթե ուզենանք։ Ա՛յ, հանկարծ ինչ անցավ մտքովս․ առաջին հերթին պետք է այնպիսի մի բան փնտրենք, որից սղոց պատրաստենք։
 
― Իսկ մեր ինչի՞ն է պետք սղոցը։
 
― Սղո՞ցը։ Մի՞թե չպետք է սղոցենք Ջիմի մահճակալի ոտքը, որպեսզի շղթան թուլանա, դուրս գա։
 
― Ինչո՞ւ, հենց նոր ասացիր, թե կարելի է մահճակալի ոտքը բարձրացնել, և շղթան կսահի, դուրս կգա։
 
― Ասածդ շատ նման է քեզ, Հեք Ֆինն։ Դու միշտ կարող ես մանկապարտեզային ձևեր ընտրել։ Մի՞թե ոչ մի գիրք չես կարդացել, չե՞ս կարդացել բարոն Թրենքի մասին, կամ Կազանովայի, Բենվենուտո Չելինիի կամ Հենրի Չորրորդի մասին։ Այս հերոսների վերաբերյալ ոչինչ չգիտես։ Ո՞վ է լսել, որ բանտարկյալին ազատեն ինչ֊որ տնական հնացած ձևերով։ Ո՛չ, ամենահեղինակավոր մարդիկ փայտե մահճակալի ոտքը սղոցում, երկու մասի են բաժանում, կպցնում ու այդպես էլ թողնում են։ Թեփը կուլ են տալիս, որպեսզի հետք չմնա, սղոցած տեղին մի քիչ փոշի կամ ճարպ են քսում, որպեսզի ամենասրատես բանտապետն էլ սղոցելու ոչ մի հետք չնկատի և կարծի, թե մահճակալի ոտքն անվնաս է։ Այն գիշերը, երբ պատրաստ ես փախչելու, մի հարված կտաս ոտքին, դա մի կողմ կթռչի, շղթան ցած կընկնի, և վերջ։ Այնուհետև միայն մնում է, որ պարանե սանդուղքի ծայրը նետես ատամնավոր պատի ցցվածքին, սողաս ներքև, ոտքդ ջարդես, քանի որ պարանը տասնինը ոտնաչափ կարճ է։ Այնտեղ սպասում են ձիերդ ու հավատարիմ ծառաներդ։ Նրանք քեզ կբարձրացնեն թամբի վրա և կթռցնեն քո հայրենի Լանգեդոքը կամ Նավարրան, կամ ուր ուզում ես։ Հիանալի է, չէ՞, Հեք։ Որքա՜ն կուզենայի, որ այս հյուղակի մոտ խրամ լիներ։ Եթե փախուստի գիշերը ժամանակ ունենանք, խրամ էլ կփորենք։
 
Ես ասացի․
 
― Ինչների՞ս է պետք խրամը, երբ մենք Ջիմին դուրս ենք բերելու ստորերկրյա ճանապարհով։
 
Նա ինձ չէր լսում․ մոռացել էր և՛ ինձ, և՛ ամեն ինչ։ Նա, ծնոտը ձեռքերի մեջ առած, մտածում էր։ Շուտով հառաչեց ու շարժեց գլուխը։ Ապա նորից հառաչեց։
 
― Ոչ, դա հարմար չէ․ ոչ մի անհրաժեշտություն չկա։
 
― Ի՞նչ, ― հարցրի ես։
 
― Պետք է Ջիմի սրունքը սղոցել, ― ասաց նա։
 
― Տե՜ր աստված, ― ասացի ես, ― իհարկե, ի՞նչ կարիք կա։ Իսկ ինչո՞ւ էիր ուզում Ջիմի սրունքը սղոցել։
 
― Է՛հ, հեղինակավոր մարդկանցից մի քանիսն այդպիսի բան արել են։ Սրունքն ավելի լավ է։ Բայց մենք պետք է հրաժարվենք դրանից։ Այս դեպքում կարիք չկա։ Բացի այդ, Ջիմը նեգր է և չի կարող հասկանալ դրա պատճառները։ Դա ընդունված է Եվրոպայում, ուստի մենք պետք է հրաժարվենք։ Բայց կա մի բան․ նրա համար հնարավոր է պարանե սանդուղքը։ Կարող ենք պատռել մեր սավանները և նրա համար սանդուղք պատրաստել։ Դա դժվար չէ․ պարանը կարող ենք կարկանդակի մեջ դնել և ուղարկել նրան։ Մեծ մասամբ այդպես են անում։ Ես դրանից ավելի վատ կարկանդակ եմ կերել։
 
― Ինչե՜ր ես ասում, Թոմ Սոյեր, ― ասացի ես, ― Ջիմը պարանե սանդուղքի կարիք չունի։
 
― Ոչ, ունի։ Ավելի լավ է ասես, որ դու այդ մասին ոչինչ չգիտես։ Նրան պետք է պարանե սանդուղք։ Բոլորն էլ ունենում են։
 
― Իսկ դրանով ի՞նչ է անելու։
 
― Ինչ է անելո՞ւ։ Կարող է թաքցնել անկողնու մեջ, չի՞ կարող։ Բոլորն էլ այդպես են անում․ նա էլ պարտավոր է անել, Հեք։ Ինչպես տեսնում եմ, դու ոչ մի բան չես ուզում օրենքով անել, ուզում ես միշտ մի նոր բան սկսել։ Ասենք թե դա նրան պետք չէ, բայց չէ՞ որ դա կմնա նրա անկողնու մեջ որպես կծիկի ծայր, երբ նա արդեն փախած կլինի։ Չե՞ս ընդունում, որ մարդկանց պետք են փաստեր։ Իհարկե, պետք են։ Մի՞թե չես ուզում որևէ հետք թողնել։ Ինչի՞ նման կլինի։ Ես այդպիսի բան չեմ լսել։
 
― Լավ, ― ասացի, ― եթե կարգն այդ է, և նա պարտավոր է սանդուղք ունենալ, թող ունենա․ ես օրենքին հակառակ գնալ չեմ ուզում։ Բայց մի բան էլ կա, Թոմ Սոյեր։ Եթե պատառոտենք մեր սավանները և Ջիմի համար պարանե սանդուղք պատրաստենք, ապա մորաքույր Սալլին կաղմկի, և մենք անախորժությունների մեջ կընկնենք։ Դա պարզ է։ Իմ կարծիքով, ընկուզենու կեղևից պատրաստած սանդուղքն ավելի էժան կնստի, նույնքան հարմար է կարկանդակի մեջ մտցնել և ներքնակի մեջ պահել, որքան շորից պատրաստածը։ Ինչ վերաբերում է Ջիմին, նա փորձ չունի, նրա համար միևնույն է, թե ինչպիսին է․․․
 
― Ա՜խ, Հեք Ֆինն, եթե ես քեզ նման անտեղյակ լինեի գործին, ձայնս կկտրեի։ Ո՞վ է լսել, որ պետական բանտարկյալը ընկույզի կեղևից պատրաստած սանդուքով փախչի։ Ուղղակի ծիծաղելի է։
 
― Լավ, Թոմ, արա, ինչ գիտես, բայց եթե ինձ լսես, դրսում պարանից կախված սավաններից մեկը կվերցնենք։
 
Նա ասաց, որ դա վատ միտք չէ։ Մի նոր միտք էլ ծագեց նրա գլխում․
 
― Մի շապիկ էլ վերցրու։
 
― Ինչների՞ս է պետք շապիկը, Թոմ։
 
― Ջիմի համար, որպես օրագիր։
 
― Օրագիրը պահիր քո տատիկի համար․ Ջիմը գրել չգիտե։
 
― Թեկուզև գրել չգիտե, բայց կարող է նշաններ անել վրան։ Չի՞ կարող, եթե մենք մնացած անագի մի կտորից կամ տակառի մետաղե հին օղակից մի գրիչ պատրաստենք։
 
― Ինչո՞ւ, Թոմ, մենք կարող ենք սագի վրայից մի փետուր քաշել և ավելի լավը պատրաստել, ավելի շուտ։
 
― Բայց սագերը բանտի շուրջը չեն վազվզում, որպեսզի բանտարկյալները կարողանան փետուր քաշել, հիմա՛ր։ Նրանք իրենց գրիչները միշտ պատրաստում են ամենակարծր, ամենակոշտ արույրե մոմակալներից կամ ձեռքներն ընկած նման բաներից։ Անհրաժեշտ են շաբաթներ ու ամիսներ խարտոցելու, որովհետև դրանք պետք է խարտոցեն պատին քսելով։ Նրանք սագի փետուր չեն օգտագործում, նույնիսկ եթե ունենան էլ։ Դա ընդունված չէ։
 
― Լավ, իսկ թանա՞քը ինչից ենք պատրաստելու։
 
― Շատերը թանաք պատրաստում են երկաթի ժանգից ու արցունքներից, բայց դա շատ հասարակ ու կանացի միջոց է։ Օրինավոր բանտարկյալները իրենց արյունն են օգտագործում այդ նպատակի համար։ Ջիմը կարող է դա անել։ Երբ ցանկանա որևէ փոքրիկ, սովորական, խորհրդավոր պատգամ ուղարկել, որպեսզի աշխարհն իմանա, թե որտեղ է կալանված, կարող է պատառաքաղով գրել թիթեղյա ափսեի հատակին և պատուհանից դուրս նետել։ Երկաթե Դիմակը<ref>Երկաթե Դիմակ ― 17֊րդ դարում Փարիզի Բաստիլիա կոչվող բանտում կար մի կալանավոր, որի դեմքը շարունակ ծածկված էր երկաթե դիմակով։</ref> միշտ այդպես է վարվել, և դա շատ լավ միջոց է։
 
― Ջիմը թիթեղյա ափսե չունի։ Նրա ճաշը տապակով են տանում։
 
― Ոչինչ, կարող ենք ճարել։
 
Ոչ ոք չի կարողանա կարդալ նրա գրածը։
 
― Դա ոչ մի նշանակություն չունի, Հեք Ֆինն։ Նրա գործը միայն ափսեի վրա գրելն ու դուրս նետելն է։ Ոչ ոք քեզ չի ստիպի կարդալ։ Դու ափսեի կամ որևէ այլ բանի վրա բանտարկյալի գրածի կեսն էլ չես կարող կարդալ։
 
― Լավ, էլ ի՞նչ միտք ունի ափսեները փչացնել։
 
― Է՛հ, ինչե՜ր ես ասում, չէ՞ որ դրանք կալանավորի ափսեներ չեն։
 
― Բայց որևէ մեկին պատկանում են, այնպես չէ՞։
 
― Լավ, ասենք թե պատկանում են։ Բանտարկյալի ի՞նչ պետքն է։
 
Այստեղ նա վերջացրեց խոսքը, որովհետև մենք լսեցինք նախաճաշ ազդարարող եղջերափողի ձայնը և գնացինք տուն։
 
Այդ առավոտյան ես մի սավան ու մի շապիկ թռցրի լվացքի պարանի վրայից, մի հին տոպրակ գտա, դրանք դրեցի մեջը, իջա ներքև, հավաքեցի փտած փայտը և նույնպես դրեցի տոպրակի մեջ։ Ես դա համարեցի «փոխ վերցրած», որովհետև հայրս ամեն մի թռցրած բանին այդ անունն էր տալիս, բայց Թոմն ասում էր, թե դա փոխ վերցնել չէ, այլ գողություն է։ Նա ասաց, որ դա բանտարկյալների համար է, իսկ բանտարկյալների հոգը չէ, թե ինչ միջոցներով են դա ձեռք բերում, միայն թե ձեռք բերեն, և ոչ ոք դրա համար նրանց չի մեղադրում։ Ասաց, որ բանտարկյալի համար հանցանք չէ իր փախուստի համար անհրաժեշտ բաներ գողանալը․ դա նրա իրավունքն է։ Ուրեմն՝ մենք մեր բանտարկյալի համար լիակատար իրավունք ունենք գողանալ այն ամենը, ինչ նվազագույն չափով կօգնի մեզ, որ Ջիմին բանտից դուրս բերենք։ Նա ասաց, որ եթե մենք բանտարկյալներ չլինեինք, բոլորովին այլ բան կլիներ։ Ոչ ոք, բացի ստոր, կեղտոտ մարդուց, ոչինչ չի գողանա, եթե բանտարկյալ չէ։ Ուստի մենք մեզ թույլ տվեցինք գողություն անել։ Սակայն դրանից հետո, մի անգամ նա մեծ աղմուկ բարձրացրեց, երբ ես նեգրի հողամասից մի ձմերուկ գողացա և կերա։ Նա ինձ ստիպեց գնալ և նեգրին տալ տասը ցենտ, առանց ասելու, թե ինչու։ Թոմի կարծիքով, մենք կարող էինք գողանալ միայն այն, ինչ իսկապես մեզ անհրաժեշտ է։ «Լավ, ― ասացի ես, ― ձմերուկն ինձ անհրաժեշտ է»։ Բայց նա ասաց, որ բանտից դուրս գալու համար դա անհրաժեշտ չէ։ Ահա թե ինչ։ Նա ասաց, որ եթե ես ձմերուկն ուզում էի, որպեսզի մեջը դանակ թաքցնեմ և գաղտնի այն հասցնեմ Ջիմին, և նա դրանով բանտապահին սպանի, դա ուրիշ բան կլինի։ Ես այլևս չառարկեցի, թեև մի բան չէի կարողանում հասկանալ․ բանտարկյալին ի՞նչ օգուտ, եթե ամեն անգամ ձմերուկ գողանալիս ես նստեմ ու մտածեմ նման բազմաթիվ նրբությունների մասին։
 
Ինչպես ասացի, այդ առավոտ մենք սպասեցինք, մինչև բոլորը գնացին իրենց գործին։ Բակում ոչ ոք չէր երևում։ Այնուհետև Թոմը տոպրակը տարավ հյուղակին կից մարագը, իսկ ես որոշ ժամանակ քիչ հեռուն կանգնած՝ հսկում էի։ Շուտով նա դուրս եկավ, և մենք գնացինք, նստեցինք գերանների վրա՝ խոսելու։ Նա ասաց․
 
― Ամեն ինչ այժմ պատրաստ է, բացի գործիքներից, իսկ դրանք ճարելը դժվար չէ։
 
― Գործիքնե՞ր, ― ասացի ես։
 
― Այո։
 
― Ինչի՞ համար են գործիքները։
 
― Ինչի համա՞ր․ փորելու։ Մենք ատամներո՞վ ենք նրա ճանապարհը բացելու։
 
― Մի՞թե հին, ջարդված քլունգներ և այլ գործիքներ չկան, որոնք պիտանի լինեն մի նեգրի ճանապարհը բացելու համար, ― ասացի ես։
 
Նա դարձավ դեպի ինձ, այնպիսի մի ցավակցական հայացք գցելով վրաս, որ քիչ էր մնում՝ լաց լինեի։
 
― Հե՛ք Ֆինն, դու երբևէ լսե՞լ ես, որ բանտարկյալը քլունգ, բահ, ժամանակակից ուրիշ հարմարանքներ ունենա հող փորելու և դուրս գալու համար։ Ուզում եմ հարցնել, եթե խելքդ մի բան կտրում է․ էլ ինչպե՞ս նա կարող է փառք վաստակել։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե նրան բանալի տային և դրանով հաշիվը փակվեր։ Քլո՜ւնգ, բա՜հ։ Նման բաներ թագավորներին էլ չեն տալիս։
 
― Լավ, եթե բահ ու քլունգ չենք ուզում, էլ ի՞նչ է մեր ուզածը։
 
― Երկու փոքրիկ դանակ։
 
― Որոնցով հյուղակի հիմքը փորի ու դո՞ւրս գա։
 
― Այո։
 
― Գժվե՞լ ես, ի՞նչ է, Թոմ․ հիմար բան ես ասում։
 
― Կարևոր չէ՝ հիմար բան է, թե ոչ, բայց կարգն այդ է։ Որքան լսել եմ, ուրիշ ճանապարհ չկա, և ես կարդացել եմ այն բոլոր գրքերը, որոնք շատ թե քիչ տեղեկություններ են տալիս այս բաների մասին։ Միշտ դանակով են փորում և այն էլ ոչ փափուկ հող։ Սովորաբար ժայռեր են փորում։ Շաբաթներ են անցնում, բայց նրանք փորում են, փորում։ Դրա օրինակն է Մարսելի Դիֆ ամրոցի զնդանի հատակին ընկած բանտարկյալներից մեկը, որը փորելով է բացել իր ճանապարհը։ Ի՞նչ ես կարծում, որքան ժամանակ է փորել։
 
― Չգիտեմ։
 
― Գուշակիր։
 
― Չգիտեմ․․․ մի ամիս, մի ամիս ու կես։
 
― Երեսունյոթ տարի, և նա դուրս է եկել Չինաստանում։ Ա՛յ, իսկականն այդ է։ Լավ կլիներ, որ մեր այս բանտի հատակն էլ պինդ ժայռ լիներ։
 
― Բայց Ջիմը Չինաստանում ոչ ոքի չի ճանաչում։
 
― Դա ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այդ մարդն էլ ոչ ոքի չէր ճանաչում։ Դու միշտ գործից շեղվում ես։ Ինչո՞ւ չես կարող հիմնական հարցին կպչել։
 
― Լավ, ինձ համար նշանակություն չունի, թե նա որտեղ դուրս կգա, ոչ էլ, կարծում եմ, Ջիմի համար նշանակություն ունի։ Սակայն այսպես թե այնպես, կա մի բան․ Ջիմը ծեր է և փոքրիկ դանակով փորելով դուրս չի գա․ այդքան երկար չի ապրի։
 
― Ո՛չ, կապրի։ Մի՞թե դու կարծում ես, թե այստեղ երեսունյոթ տարի է պետք, երբ այս հյուղակի հիմքը հող է։
 
― Որքա՞ն կտևի, Թոմ։
 
― Դեհ, մենք չենք կարող այնքան երկար գործել, որքան պարտավոր ենք, որովհետև հորեղբայր Սայլասը շուտով կարող է Օռլենաից Ջիմի մասին ծանուցագիր ստանալ։ Կիմանա, որ Ջիմն այնտեղից չէ։ Այնուհետև նրա հաջորդ քայլը կլինի Ջիմի մասին հայտարարություն տալ կամ նման մի բան անել։ Մենք չենք կարող այդքան երկար ժամանակ փորելու վտանգին ենթարկվել։ Օրենքով պետք է երկու տարի փորեր, բայց այդքան սպասել չենք կարող․ դրությունն անչափ անորոշ է։ Իմ խորհուրդն այս է։ Հնարավորության չափ արագ կփորենք, բայց կհաշվենք, թե երեսունյոթ տարի ենք փորել։ Ապա կարող ենք դուրս բերել նրան ու փախցնել, հենց որ տագնապի առաջին ազդանշանը լսենք։ Իմ կարծիքով լավագույն միջոցը դա է։
 
Այժմ ասածդ բանի նման է, ― ասացի ես, ― երևակայելն ի՞նչ է մեզ համար։ Դա ոչ մի նեղություն էլ չէ։ Եթե պետք է, ես կարող եմ երևակայել, թե հարյուր հիսուն տարի ենք փորել։ Դա ինձ համար դժվար չէ, երբ արդեն սկսել եմ այդ աշխատանքը։ Հիմա կգնամ, երկու փոքրիկ դանակ կճարեմ։
 
― Երեք հատ ճարիր, ― ասաց նա, ― մեկն էլ պետք է՝ սղոց շինելու համար։
 
― Թոմ, ― ասացի ես, ― եթե կանոնին և կրոնին հակառակ չէ, ես կառաջարկեմ ապխտանոցի ետևում, ծածկի տակ ընկած ժանգոտած սղոցի շեղբը։
 
Նա նայեց մի տեսակ վշտացած, հուսախաբ հայացքով և ասաց․
 
― Իզուր է, դու ոչ մի կարգին բան չես սովորի, Հեք։ Վազիր և ճարիր դանակները, երեք հատ։
 
Ես վազեցի կատարելու նրա հանձնարարությունը։
 
 
==Գլուխ երեսունվեցերորդ==
 
 
Այդ գիշեր հենց որ բոլորը քնեցին, մենք ցած իջանք շանթարգելով և փակվեցինք մարագում։ Պարկից հանեցինք փտած փայտը և գործի անցանք։ Մեր ճանապարհը ներքևի գերանի երկարությամբ չորս֊հինգ ոտնաչափ ամեն ինչից մաքրեցինք։ Թոմն ասաց, որ այժմ ուղղակի գտնվում ենք Ջիմի մահճակալի տակ և հենց նրա տակ էլ կխրամատավորվենք։ Երբ վերջացնենք, հյուղակում ոչ ոք չի իմանա, թե այնտեղ որևէ անցք կա, որովհետև Ջիմի վերմակը կախվում է մինչև գետինը, և անցքը տեսնելու համար պետք է այն վեր բարձրացնել։ Շարունակեցինք դանակներով փորել մինչև գրեթե կեսգիշեր։ Արդեն շան նման հոգնել էինք, մեր ձեռքերին առաջացել էին բշտիկներ, բայց դեռ չէր երևում, թե որևէ բան ենք արել։ Վերջապես ես ասացի․
 
― Սա ոչ թե երեսունյոթ տարվա, այլ երեսունութ տարվա գործ է, Թոմ Սոյեր։
 
Նա ոչինչ չասաց, խորը հառաչեց և շուտով դադարեց փորելուց։ Ես նկատեցի, որ երկար ժամանակ մտածում է։ Հետո թե․
 
― Իզուր է, Հեք, բան դուրս չի գա։ Եթե բանտարկյալները մենք լինեինք, գլուխ կգար, որովհետև այդ դեպքում մենք մեր տրամադրության տակ կունենայինք այնքան տարիներ, որքան ուզենայինք։ Շտապելու կարիք չէր լինի և մենք օրական մի քանի րոպե կաշխատեինք պահակների հերթափոխության ժամանակ։ Մեր ձեռքերին էլ բշտիկներ չէին առաջանա։ Կփորեինք տարիներով, և ամեն ինչ կլիներ ճիշտ այնպես, ինչպես հարկն է։ Բայց մենք չենք կարող հիմարաբար ժամանակը վատնել․ պարտավոր ենք շտապել։ Եթե մի գիշեր էլ այսպես աշխատենք, ստիպված կլինենք մի շաբաթ դադար տալ, որպեսզի մեր ձեռքերը լավանան։ Ավելի շուտ դանակ բռնել չենք կարողանա։
 
― Լավ, ուրեմն ի՞նչ անենք, Թոմ։
 
― Ասեմ, թե ինչ։ Սա ճիշտ չէ և դեմ է բարոյականությանը։ Չէի ցանկանա, որ այս բանն իմացվեր, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Մենք ստիպված կլինենք քլունգներով փորել և կերևակայենք, թե դրանք մեծ դանակներ են։
 
― Ա՜յ, ինչ եմ ասե՜լ, ― գոչեցի ես, ― քո գլուխն ավելի ու ավելի լավ է աշխատում, Թոմ Սոյեր։ Բարոյականության դեմ է թե ոչ, իսկականը գլունգն է։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ բարոյականությանը ոչ մի նշանակություն չեմ տա։ Երբ ես սկսում եմ նեգր գողանալ, կամ մի ձմերուկ կամ կիրակնօրյա դպրոցի մի գիրք, ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե դա ինչպես է կատարվում։ Միայն թե կատարվի։ Իմ ուզածն իմ նեգրն է, ձմերուկը, կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Եվ եթե քլունգն ամենաձեռնտու բանն է, ապա դրանով էլ կփորեմ, դուրս կբերեմ իմ նեգրին կամ ձմերուկը կամ կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Ինձ համար մի սատկած առնետի չափ էլ արժեք չունի, թե հեղինակավոր մարդիկ ինչ կմտածեն։
 
― Լավ, ― ասաց նա, ― այս գործում կարելի էր արդարացնել նաև քլունգը և երևակայել որևէ այլ բան։ Եթե դա այդպես չլիներ, ես չէի համաձայնի, ոչ էլ մի կողմ կկագնեի ու կդիտեի կանոնի խախտումը, որովհետև ճիշտը ճիշտ է, սխալը սխալ, և ոչ ոք իրավունք չունի սխալ գործելու, եթե նա անգիտակ մարդ չէ և գործը լավ է հասկանում։ Կարող էր քեզ համար հարմար լինել և քլունգով փորել, դուրս բերել Ջիմին, առանց որևէ բան երևակայելու, որովհետև դու այդ բանը չես հասկանում։ Իսկ ինձ չի կարելի, որովհետև ես գիտեմ՝ ինչն է ճիշտ։ Ինձ մի դանակ տուր։
 
Նրա դանակն իր մոտ էր, բայց, այնուամենայնիվ, ես իմը տվի։ Նա դանակը շպրտեց գետին ու ասաց․
 
― Դանա՛կ տուր։
 
Սկզբում չգիտեի, թե ինչ անեմ, բայց հետո գլխի ընկա։ Հին գործիքները դես֊դեն շուռ տալով, մի քլունգ ճարեցի ու տվի։ Նա վերցրեց ու գործի անցավ՝ առանց մի բառ ասելու։
 
Նա ուրի՜շ տղա էր։ Ես էլ մի բահ վերցրի, փորեցինք ու հողը դուրս թափեցինք։ Հողի կտորները դես֊դեն էին թռչում։ Այդպես աշխատեցինք մոտ կես ժամ։ Ավելի երկար աշխատել չէինք կարող։ Բայց անցքի զգալի մասն արդեն փորված էր։ Երբ բարձրացա սենյակ, պատուհանից նայեցի Թոմին։ Նա ամեն ճիգ գործադրում էր շանթարգելով բարձրանալու համար, բայց չէր կարողանում․ ձեռքերը բշտիկներից ցավում էին։ Վերջապես ասաց․
 
― Իզուր է, հնարավոր չէ բարձրանալ։ Քո կարծիքով, ի՞նչ անեմ, որ ավելի լավ լինի, Հեք։ Չե՞ս կարող մի ուրիշ միջոց հնարել։
 
― Կարող եմ, բայց դա կանոնին հակառակ կլինի։ Աստիճաններով բարձրացիր և երևակայիր, թե դա շանթարգել է։
 
Եվ նա այդպես էլ արեց։
 
Հաջորդ օրը Թոմը տնից գողացավ անագե մի գդալ և արույրե մի մոմակալ, որպեսզի Ջիմի համար գրիչներ պատրաստի։ Գողացավ նաև վեց մոմ։ Ես էլ, պտտվելով նեգրերի հյուղակների շուրջը և, հարմար առիթից օգտվելով, թռցրի անագե երեք ափսե։ Թոմն ասաց, որ դա բավական չէ, բայց ես առարկեցի․ ոչ ոք չի տեսնի Ջիմի դուրս նետած ափսեները։ Դրանք կընկնեն պատուհանի տակի վայրի խոտերի ու եղինջների մեջ, մենք էլ կվերցնենք ու կվերադարձնենք, և նա նորից կարող է գրել։ Թոմը գոհ էր իմ բացատրությունից և ասաց․
 
― Այժմ մնում է մի բան․ այս իրերն ինչպե՞ս հասցնենք Ջիմին։
 
― Անցքից կտանք, երբ այն լրիվ բացված կլինի, ― ասացի ես։
 
Նա արհամարհական հայացքով նայեց ինձ և ասաց, որ ոչ ոք երևի նման հիմար միտք հայտնած չէր լինի, ապա շարունակեց մտածել։ Շուտով ասաց, որ ինքը երկու֊երեք միջոց է գտել, բայց դեռ կարիք չկա որոշելու, թե որի՛ վրա պետք է կանգ առնել։ Ասաց, որ մենք պետք է նախ Ջիմին տեղեկացնենք այդ մասին։
 
Այդ երեկո շանթարգելով ցած իջանք։ Ժամը ութն անց էր։ Մեզ հետ վերցրինք մոմերից մեկը։ Պատուհանի տակ ականջ դրինք և լսեցինք Ջիմի խռմփոցը։ Մոմը պատուհանից ներս գցեցինք, բայց Ջիմը չարթնացավ։ Եռանդով գործի դրինք քլունգն ու բահը։ Մոտ երկու և կես ժամում գործն ավարտված էր։ Սողալով հասանք Ջիմի մահճակալի տակ, մտանք հյուղակը, շոշափեցինք մեր շուրջը, գտանք մոմը, վառեցինք և մի պահ կանգնեցինք Ջիմի գլխավերևում։ Նա առողջ տեսք ուներ։ Զգուշությամբ ու աստիճանաբար արթնացրինք։ Նա այնքան ուրախացավ, երբ մեզ տեսավ, որ քիչ մնաց՝ լաց լինի։ Մեզ անվանեց «անուշիկներ» և շատ ուրիշ փաղաքշական բառեր մրմնջաց։ Խնդրեց, որ անմիջապես կտրենք ոտքի շղթան ու առանց ժամանակ կորցնելու փախչենք։ Բայց Թոմը բացատրեց, որ դա կանոնին հակառակ կլիներ, և նստեց նրա կողքին ու պատմեց մեր ծրագրերի մասին։ Ասաց, որ հանկարծ կարող ենք փոխել մեր ծրագրերը, երբ տագնապի նշաններ երևան, և որ վախենալու կարիք չկա․ մենք անպայման նրան կազատենք։ Ջիմը համաձայնեց և մենք նստեցինք այնտեղ ու մի քիչ խոսեցինք անցյալից։ Հետո Թոմը մի շարք հարցեր տվեց։ Երբ Ջիմն ասաց, որ հորեղբայր Սայլասը երկու օրը մեկ գալիս է իր հետ աղոթելու, մորաքույր Սալլին էլ գալիս է տեսնելու, թե կալանավորն ինչպես է զգում իրեն, բավարար սնունդ տալի՞ս են, թե՞ ոչ։ Ամուսինները երկուսն էլ շատ բարի են։
 
Թոմն ասաց․
 
― Այժմ գիտեմ, թե ինչպես է այդ գործը գլուխ գալու։ Մենք քեզ որոշ բաներ նրանց միջոցով կուղարկենք։
 
Ես առարկեցի․
 
― Այդպիսի բան չանես։ Ես ավելի ապուշ բան չեմ պատկերացնում։
 
Բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց և շարունակեց իր խոսակցությունը։ Նա միշտ այդպես էր, երբ մի բան էր ծրագրում։
 
Թոմը Ջիմին պատմեց, թե ինչպես մենք կերակրող նեգր Նաթի միջոցով պարանե սանդուղք և ուրիշ բաներ կհասցնենք իրեն՝ կարկանդակի մեջ դրած։ Ինքը պետք է զգույշ լինի, հանկարծակիի չգա և այնպես անի, որ բացելիս Նաթը ոչինչ չնկատի, իսկ փոքր բաները կդնենք հորեղբոր բաճկոնակի գրպանները։ Ինքը՝ Ջիմը պետք է դրանք ծածուկ դուրս բերի գրպաններից։ Որոշ բաներ էլ կկապենք մորաքույր Սալիի գոգնոցի թելերից կամ կդնենք գոգնոցի գրպանը, եթե հարմար առիթ լինի։ Թոմն ասաց, թե ինչ կուղարկի և ինչի համար են դրանք, թե ինչպես է օրագիր պահելու՝ իր արյամբ շապկի վրա գրելով։ Նա ամեն ինչ ասաց։ Ջիմը չէր հասկանում, թե ինչ նպատակ ունի այդ ամենը, բայց ընդունում էձ, որ մենք, լինելով սպիտակամորթներ, իրենից լավ ենք հասկանում։ Գոհ մնաց և խոստացավ, որ այդ ամենը կկատարի այնպես, ինչպես Թոմն է պատվիրել։
 
Ջիմը ծխախոտ շատ ուներ, ինչպես նաև եգիպտացորենի ցողունից պատրաստած ծխամորճեր։ Լավ ժամանակ անցկացրինք։ Ապա սողալով դուրս եկանք անցքից ու գնացինք քնելու։ Մեր ձեռքերի կաշին կարծես պոկված լիներ։ Թոմի տրամադրությունը բարձր էր։ Նա ասաց, որ դա իր կյանքի ամենազվարճալի և ամենախելացի իրադարձությունն է։ Եթե իմանար, թե բանն ինչով կվերջանա, մեր ամբողջ կյանքում կշարունակեինք այդ խաղը և կթողնեինք, որ մեր երեխաները Ջիմին ազատեն։ Թոմը հավատացած էր, որ Ջիմը որքան ընտելանար իր վիճակին, այնքան դա դուր կգար նրան։ Թոմն ասաց, որ այդ ձևով դա կձգձգվեր մինչև ութսուն տարի։ Դա ռեկորդային ժամկետ կլիներ, և մեզ կփառաբանեին որպես այդ գործի մասնակիցների։
 
Առավոտյան գնացինք փայտի դեզի մոտ և կտրատեցինք, մաս֊մաս արեցինք արույրե մոմակալը։ Թոմն այդ կտորներն ու անագե գդալն իր գրպանը դրեց։ Ապա գնացինք դեպի նեգրերի հյուղակները, և մինչ ես Նաթի ուշադրությունը կգրավեի իմ կողմը, Թոմը մոմակալի մի կտորը խրեց Ջիմին ուղարկվող հացի մեջ, և մենք Նաթի հետ գնացինք Ջիմի մոտ՝ տեսնելու, թե ինչ դուրս կգա։ Արդյունքը հիանալի էր։ Երբ Ջիմը կծեց հացը, քիչ էր մնում ատամը ջարդի։ Ոչ մի բան ավելի լավ նպատակին հասած չէր լինի, ինչպես ասաց Թոմը։ Ջիմի դեմքը ոչինչ չարտահայտեց։ Նա միայն ասաց, որ ինչ֊որ քարի կտոր կամ նման մի բան պետք է լինի։ Դե, հացի մեջ միշտ այդպիսի բաներ լինում են։ Այնուհետև ոչ մի բան բերանը չէր տանում, մինչև պատառաքաղը երեք֊չորս տեղից չէր խրում։
 
Մինչ մենք կանգնած էինք աղոտ լույսի տակ, Ջիմի մահճակալի տակից դուրս թռան երկու շուն, և հետզհետե դրանց թիվը շատացավ, հասավ տասնմեկի։ Խցիկում շունչ քաշելու տեղ չմնաց։ Աստվա՜ծ իմ, մոռացել էինք կողքի մարագի դուռը փակել։ Նեգր Նաթը միայն մի անգամ գոռաց․ «կախարդները», վայր ընկավ հատակին, շների մեջ ու սկսեց այնպես տնքալ, կարծես մեռնում էր։ Թոմը բաց արեց դուռը, Ջիմին բերած մսից մի կտոր դուրս նետեց, և շները վազեցին մսի վրա։ Վայրեկենապես ինքն էլ դուրս եկավ, ապա վերադարձավ ու փակեց դուռը։ Կարծում եմ, որ նա փակած կլիներ նաև կողքի սենյակի դուռը։ Թոմն օգնության հասավ ընկած նեգրին, շողոքորթելով ու շոյելով հարցրեց, թե ուրիշ բան էլ երևացե՞լ է աչքին։ Նեգրը վեր կացավ, թարթեց աչքերը, նայեց շուրջը ու ասաց․
 
― Միստր Սիդ, հիմա կասեք, թե ես հիմար եմ, բայց եթե աչքովս չեմ տեսել մեկ միլիոն շուն կամ սատանաներ կամ չգիտեմ թե ինչ, հենց այստեղ թող վայր ընկնեմ, մեռնեմ։ Աստված վկա, միստր Սիդ, տեսա, զգացի, սըր․ բոլորն ինձ վրա էին գալիս։ Ա՜խ, թե մեկը ձեռքս ընկներ, մի կախարդ, թեկուզ մի անգամ, այն ժամանակ ցույց կտայի։ Բայց ամենալավն այն կլիներ, որ դրանք ինձ հանգիստ թողնեն, ուրիշ բան չէի ուզի։
 
Թոմն ասաց․
 
― Լավ, ասեմ, թե ես ինչ եմ մտածում։ Ի՞նչն է ստիպում նրանց գալ այստեղ, այս փախած նեգրի հենց նախաճաշի ժամանակ։ Պատճառը պարզ է․ սոված են։ Դու պետք է կախարդված կարկանդակ պատրաստես նրանց համար, ուրիշ ոչինչ պետք չէ։
 
― Բայց աստվա՜ծ իմ, միստր Սիդ, ինչպե՞ս պատրաստեմ կախարդված կարկանդակ․ չգիտեմ ինչպես թխեմ։ Այդպիսի կարկանդակի մասին չեմ լսել։
 
― Լավ, այդ դեպքում ես ստիպված եմ ինքս պատրաստել։
 
― Կանե՞ս, անուշիկս, կանե՞ս։ Ես քո ոտքերի տակի հողը կհամբուրեմ։
 
― Շատ լավ, կանեմ, քեզ համար․ դու բարի ես եղել մեր նկատմամբ, մեզ ցույց ես տվել փախած նեգրին։ Բայց պետք է շատ զգույշ լինես։ Երբ մենք այստեղ գանք, դու թիկունքդ դարձրու մեզ և ինչ֊որ դնենք Ջիմի տապակի մեջ, չնայես։ Երբ Ջիմը դատարկի տապակը, նույնպես չնայես, թե չէ ո՞վ գիտե, թե ինչ կարող է պատահել։ Իսկ ամենակարևորն այն է, որ կախարդված բաներին ձեռք չտաս։
 
― Ձեռք տա՜լ, միստր Սիդ։ Ինչե՞ր եք ասում․ մատս էլ չեմ դիպցնի, թեկուզ հարյուր, հազար, միլիարդ դոլար տան։
 
 
==Գլուխ երեսունյոթերորդ==
 
 
Գործը գլուխ եկավ։ Մենք դուրս եկանք, գնացինք դեպի բակի ետևում դիզված աղբակույտը, ուր նետում էին կոշիկներ, ցնցոտիներ, շշի կտորներ և թիթեղյա հնացած, մաշված իրեր ու նման բաներ։ Դես֊դեն ընկանք, գտանք թիթեղյա մի հին թաս և ինչքան կարող էինք անցքերը փակեցինք, որպեսզի դրա մեջ կարկանդակ եփենք։ Թասը տարանք մառան, լցրիք ալյուրով ու գնացինք նախաճաշի։ Ճանապարհին երկու մեխ գտանք, և Թոմն ասաց, որ դրանք բանտարկյալին պետք կգան։ Դրանով նա իր անունը կփորագրի բանտի պատերին և կգրի իր տանջանքների մասին։ Եվ մենք դրանից մեկը գցեցինք մորաքույր Սալլիի՝ աթոռին գցած գոգնոցի գրպանը, մյուսն էլ ամրացրինք հորեղբայր Սայլասի՝ սեղանին դրված գլխարկի ժապավենի վրա։ Երեխաներից լսել էինք, որ ամուսիններն այս առավոտ գնալու են փախած նեգրի մոտ։ Այնուհետև գնացինք նախաճաշի։ Թոմն անագի գդալը գցեց հորեղբայր Սայլասի գրպանը։ Մորաքույր Սալլին դեռ չէր եկել, և մենք ստիպված եղանք մի փոքր սպասել։
 
Սալլին եկավ կարմրած, բարկացած ու վրդովված։ Չէր կարողանում համբերել մինչև սեղանի բարեմաղթումը։ Մի ձեռքով սուրճ էր լցնում, իսկ մյուս ձեռքի մատներով անընդհատ դմբացնում էր ամենամոտիկ երեխայի գլխին։ Հետո էլ թե․
 
― Ես նայեցի վեր, վար, և զարմանալի է, թե ի՛նչ եղավ քո մյուս շապիկը։
 
Սիրտս կուչ եկավ։ Եգիպտացորենի հացի կողինձը կուլ տալիս հազացի, և այն դուրս թռավ, անցավ սենյակի վրայով ու ընկավ երեխաներից մեկի աչքը։ Երեխան կծկվեց, ինչպես որդը ձկնորսի կարթի վրա, և բարձրացրեց ահավոր մի վայնասուն։ Թոմն էլ կապտել էր, ինչպես ձկան խռիկի շուրջը։ Մեր դրությունը մոտավորապես քառորդ րոպե աննախանձելի էր։ Բայց դրանից հետո ամեն ինչ խաղաղվեց։ Անսպասելիությունից էր, որ այդպես ցնցվեցին։ Հորեղբայր Սայլասն ասաց․
 
― Զարմանալի է, ոչինչ չեմ հասկանում։ Շատ լավ հիշում եմ․ շապիկս հանեցի, որովհետև․․․
 
― Որովհետև դու միայն մեկ շապիկ ես հագնում։ Ես գիտեմ, որ հանեցիր և ավելի լավ գիտեմ, քան դու, ցրվա՛ծ։ Երեկ շապիկդ չորանում էր պարանի վրա, ինքս եմ տեսել։ Բայց այժմ չկա ու վերջ։ Պետք է հագնես կարմիր ֆլանելե շապիկը, մինչև ես ժամանակ ունենամ մի նորը կարելու։ Դա երրորդը կլինի այս երկու տարում։ Ինչպիսի՜ ջանքեր են հարկավոր, որպեսզի դու վրադ միշտ շապիկ ունենաս։ Չեմ հասկանում, թե ինչ ես անում շապիկները։ Այդ տարիքում մարդ պիտի որոշ չափով խնայի իր սպիտակեղենը։
 
― Գիտեմ, Սալլի։ Կարողացածիս չափ խնայում եմ։ Բայց դա չի կարող միայն իմ մեղքը լինել։ Դու գիտես, որ ես շապիկները տեսնում եմ, երբ հագիս են լինում, և չեմ կարծում, թե շորը վրայիցս թռչում, կորչում է։
 
― Այո, այս անգամ դու մեղավոր չես, Սայլաս, բայց կկորցնեիր, եթե կարողանայիր։ Գիտես, որ մենակ շապիկը չի կորել։ Մի գդալ էլ չկա, և բանը դրանով էլ չի վերջանում։ Տասը գդալ կար, և մնացել է ինը։ Ասենք թե շապիկը հորթն է տարել, բայց հորթը գդալ չի տանի։ Այդ մասին կասկած լինել չի կարող։
 
― Էլ ի՞նչ է կորել, Սալլի։
 
― Վեց մոմ, այ թե ինչ։ Առնետները կարող են տարած լինել և, հավանաբար, նրանք էլ տարել են։ Զարմանում եմ, որ ամբողջ տունը չեն տանում։ Դու միշտ խոստանում ես փակել դրանց բները, բայց չես փակում։ Եթե առնետները հիմար չլինեին, քո մազերի մեջ կքնեին, Սայլաս, և դու երբեք չէիր իմանա։ Բայց գիտեմ, որ գդալի կորչելը չես կարող նրանց վերագրել։
 
― Լավ, Սալլի, մեղավոր եմ և ընդունում եմ։ Ես անհոգ եմ եղել, բայց վաղն անպայման կփակեմ այդ անցքերը։
 
― Օ՜, եթե քո տեղը լինեի, չէի շտապի, կհետաձգեի եկող տարվան․․․ Մաթիլդա Անջելինա Ֆելփս։
 
― Թրը՜խկ։
 
Նա մատնոցով հարվածեց երեխայի գլխին, և երեխան ձեռքը հեռու քաշեց շաքարամանից, վերջ տվեց չարությանը։ Այդ պահին նեգրուհին միջանցք եկավ ու ասաց․
 
― Միսիս, մի սավանը կորել է։
 
― Սավան է կորե՞լ։ Տե՜ր աստված։
 
― Անցքերն այսօր կփակեմ, ― ասաց հորեղբայր Սայլասը հուզված։
 
― Ձայնդ կտրի՛ր։ Ասենք թե առնետները տարան, բայց ո՞ւր տարան։ Ո՞ւր կորավ, Լիզա։
 
― Աստված վկա, միսիս Սալլի, չգիտեմ։ Երեկ պարանի վրա էր, իսկ այսօր չկա։
 
― Աշխարհի վերջը եկել է։ Կյանքումս այսպիսի բան չէի տեսել․․․ շապիկ, սավան, գդալ, վեց մոմ․․․
 
― Միսիս, ― լսվում է մի ջահել խառնածինի ձայնը, ― արույրե մի մոմակալ չկա։
 
― Կորի՛ր այստեղից, թե չէ ամանը գլխովդ կտամ։
 
Մորաքույր Սալլին զայրույթից իրեն կորցրել էր։ Ես ուզեցի ծլկել անտառ, մինչև այս փոթորիկը հանդարտվեր։ Մինչդեռ մորաքրոջ բարկությունը ավելի սաստկացավ։ Մյուսները լուռ ու խաղաղ սպասում էին։ Հանկարծ հորեղբայր Սայլասը շփոթված տեսքով գրպանից հանեց գդալը։ Մորաքույր Սալլին կանգ առավ՝ բերանը բաց, ձեռքերը վեր։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես կուզենայի Երուսաղեմում կամ մի այլ տեղ լինել։ Բայց դա երկար չտևեց, որովհետև մորաքույր Սալլին ասաց․
 
― Ես այդպես էլ գիտեի։ Դու ամբողջ ժամանակ գդալը գրպանումդ ես պահել։ Գուցե մյուս իրերն էլ այնտեղ են։ Ինչպե՞ս դա ընկավ քո գրպանը։
 
― Չգիտեմ, Սալլի, ― ասաց նա մի տեսակ անմեղ եղանակով, ― իմանայի, կասեի։ Ես նախաճաշից առաջ Կտակարանն էի սերտում, տասնյոթերորդ գլուխը։ Երևի գրքի փոխարեն դա եմ դրել գրպանս։ Պետք է որ այդպես էլ եղած լինի, որովհետև Կտակարանը գրպանումս չէ։ Բայց գնամ, ստուգեմ։ Եթե Կտակարանը իր տեղում է, ուրեմն՝ գրպանս չեմ դրել․ Կտակարանը այնտեղ եմ թողել և փոխարենը գդալն եմ դրել և․․․
 
― Օ՜, ի սե՛ր աստծո, հանգի՛ստ թող ինձ։ Բոլորդ հեռացե՛ք և աչքիս չերևաք, մինչև հանգստանամ։
 
Ես նրան կլսեի, եթե նա նույնիսկ ինքն իրեն խոսեր և ոչ այդպես բղավեր։ Եթե նույնիսկ մեռած էլ լինեի, վեր կկենայի, կհնազանդվեի։ Մինչ մենք անցնում էինք հյուրասենյակով, ծերունին վերցրեց գլխարկը, և մեխն այնտեղից ընկավ հատակին։ Նա վերցրեց այն, դրեց բուխարու դարակին, առանց մի բան ասելու և դուրս գնաց։ Թոմը տեսավ և, հիշելով գդալը, ասաց․
 
― Լավ, անիմաստ է այսուհետև իրերը նրա միջոցով ուղարկելը։ Դա հուսալի միջոց չէ։ ― Ապա ավելացրեց, ― բայց նա մեզ մեծ ծառայություն մատուցեց գդալի խնդրում, առանց իմանալու։ Մենք պետք է գնանք և առանց նրա գիտության փակենք առնետների բները։
 
Ներքևում՝ մառանում, բավական շատ անցքեր կային, և փակելու համար հարկ եղավ մի ամբողջ ժամ չարչարվել։ Մենք այդ գործը շատ լավ գլուխ բերինք։ Շուտով աստիճանների վրայից ոտնաձայն լսեցինք, լույսը հանգցրինք և թաքնվեցինք։ Ներս մտավ ծերունին, մի ձեռքով բռնած մի մոմ, մյուս ձեռքով՝ մի կապոց։ Այնպես մտացրիվ էր երևում, որ կարծես երազում լիներ։ Մի պտույտ կատարեց, նախ մոտեցավ բներից մեկին, ապա երկրորդին, երրորդին, մինչև աչքի անցկացրեց բոլորը։ Հինգ րոպե կանգ առավ, պոկեց մոմի պատրույգի այրված մասը, դանդաղ ու երազկոտ՝ շուռ եկավ դեպի աստիճաններն ու ասաց․
 
― Կյանքս վկա, չեմ կարող հիշել, թե երբ եմ փակել դրանք, այժմ կարող եմ Սալլիին ցույց տալ, որ առնետների պատճառով պետք չէր ինձ մեղադրել։ Բայց ոչինչ, թող այդպես լինի։ Միևնույն է, դրանից բան դուրս չէր գա։
 
Նա քրթմնջալով բարձրացավ վերևի հարկը։ Նրա ետևից մենք դուրս եկանք թաքստոցից։ Նա սքանչելի ծերուկ էր։
 
Թոմը շատ էր անհանգստանում գդալի համար և ասում էր, որ պետք է մի հատ ճարել։ Սկսեց մտածել այդ մասին։ Երբ արդեն լուծել էր այդ խնդիրը, հայտնեց, թե ինչ ենք անելու։ Գնացինք դեպի գդալների կողովն ու սպասեցինք մինչև մորաքույր Սալլիի գալը։ Թոմն սկսեց գդալները հաշվել ու շարել։ Հենց այդ ժամանակ մեկը սահեցրեց իմ թևի մեջ ու ասաց․
 
― Մորաքույր Սալլի, գիտե՞ք, այստեղ ինը գդալ կա։
 
Մորաքույր Սալլին պատասխանեց․
 
― Գնա խաղդ խաղա և ինձ մի՛ ձանձրացնի։ Ես շատ լավ գիտեմ, քանի հատ է․ ինքս եմ հաշվել։
 
― Երկու անգամ հաշվեցի, մորաքույր։ Դարձյալ ինը հատ են։
 
Մորաքրոջ համբերությունն սպառվեց, բայց և այնպես նա եկավ հաշվելու։ Ով լիներ նրա տեղը, կգար։
 
― Աստվա՜ծ իմ, իսկապես ինը հատ են, ― բացականչեց նա, ― այս ի՞նչ է․․․ Կորչեն բոլորն էլ։ Մի նորից հաշվեմ։
 
Ես իմ մոտի եղածը սահեցրի ներքև՝ գդալների մեջ, և երբ հաշվեց, ասաց․
 
― Կորչեն այդ անպետք գդալները, նորից տասն են, ― և նա նեղացած, զայրացած տեսք ընդունեց։ Բայց Թոմն ասաց․
 
― Ի՞նչ եք ասում, մորաքույր, այստեղ տասը հատ չկա։
 
― Ա՛յ ապուշ, չտեսա՞ր, երբ հաշվում էի։
 
― Գիտեմ, բայց․․․
 
― Լավ, նորից կհաշվեմ։
 
Եվ ես մի հատ թռցրի, ու այնտեղ նորից մնաց ինը հատ, ինչպես առաջ։ Մորաքույրն այնպես զայրացավ, որ ամբողջ մարմնով դողում էր։ Այնպե՜ս կատաղեց։ Նա հաշվեց ու հաշվեց, մինչև այնքան շփոթվեց, որ երբեմն էլ կողովն էր գդալի տեղ հաշվում։ Մի երեք անգամ գդալների թիվը ճիշտ դուրս եկավ, երեք անգամ՝ սխալ։ Նա կողովը շպրտեց մինչև սենյակի մյուս ծայրը։ Մի հարված էլ կատուն ստացավ։ Հետո դարձավ մեզ և հրամայեց «մաքրվել», իրեն հանգիստ թողնել։ Ասաց, որ եթե մինչև ճաշ գանք և իրեն նեղացնենք, մեզ կմաշկի։ Թռցրինք չարաբաստիկ գդալը և գցեցինք նրա գոգնոցի գրպանը, երբ նա մեզ նախատում էր։ Ջիմը դեռ կեսօր չեղած դա ստացավ, ինչպես և մեխը։ Մենք մեր արածից շատ գոհ մնացինք։ Թոմն ասաց, թե դա իր պատճառած նեղությունից երկու անգամ ավելին արժե, որովհետև մորաքույրն այսուհետև երբեք չի կարողանա գդալները հաշվել այնպես, որ երկու անգամ նույն թիվը ստացվի, նույնիսկ ճիշտ էլ հաշվի, չի հավատա։ Եթե մի երեք օր էլ հաշվի, բոլորովին կկորցնի իրեն, ձեռ կքաշի դրանից և կուզենա սպանել այն մարդուն, որն կառաջարկի իրեն գդալները հաշվել։ Այդ երեկո մենք սավանը նորից փռեցինք իր տեղը, պարանի վրա, և պահարանից մի ուրիշը գողացանք։ Երկու օր շարունակ դնում էինք տեղն ու վերցնում, մինչև մորաքույրը հաշիվը կորցրեց, չգիտեր, թե քանի սավան ունի, և ասում էր, որ դա իր համար միևնույն է, դրա համար իր հոգու հանգիստը չի կորցնի և մեռնի էլ, այլևս չի հաշվի։
 
Այսպիսով, շապկի, սավանի, գդալի, մոմի հարցը լուծված էր։ Մեզ օգնեցին հորթը, առնետները, ինչպես և խառնաշփոթ հաշվումները։ Ինչ վերաբերում է մոմակալին, դա այնքան էլ կարևոր չէր։ Շուտով այդ էլ կմոռացվեր։
 
Բայց կարկանդակ թխելը կատակ չէր։ Ուղղակի տանջվեցինք։ Խմոր հունցեցինք անտառում, այնտեղ էլ թխեցինք։ Ի վերջո, կարկանդակն ստացվեց և այն էլ շատ հաջող։ Բայց այդ բոլորը մեկ օրում չկատարվեց։ Մենք ստիպված եղանք օգտագործել երեք թաս լիքը ալյուր, մինչև կարողացանք գործը գլուխ բերել։ Ձեռքներս մի քանի անգամ այրեցինք և աչքներս էլ ծխից կուրացրինք։ Մեզ միայն կեղևն էր պետք, բայց չէինք կարողանում այնպես անել, որ կարկանդակն ուռած լիներ։ Մեջտեղը միշտ փոս էր ընկնում։ Վերջապես դրա հնարը գտանք։ Սանդուղքը պետք է դնեինք խմորի մեջ և միասին եփեինք։ Երկրորդ գիշերը նստեցինք Ջիմի հետ և սավանը պատառոտեցինք, վեր ածեցինք թելերի և այնպես ոլորեցինք իրար հետ, որ դեռ լույսը չբացված հրաշալի պարանը պատրաստ էր՝ այնքան ամուր, որ կարելի էր նույնիսկ մարդ կախել։ Մենք երևակայեցինք, թե դա պատրաստելու համար վատնել ենք ինը ամիս։
 
Կեսօրից առաջ մենք պարանը տարանք անտառ, բայց կարկանդակի մեջ չտեղավորվեց։ Քանի որ պատրաստել էինք մի ամբողջ սավանից, տեղավորելու համար, երևի, մի քառասուն կարկանդակ էր պետք։ Եթե ցանկանայինք, դեռ ահագին էլ կմնար սուպի, երշիկի, կամ որևէ այլ ուտելիքի համար։ Կարող էինք դրանից մի ամբողջ ճաշ պատրաստել։ Բայց դրա կարիքը չունեինք։ Մեզ հարկավոր էր միայն այնքան, որ տեղավորվեր մի կարկանդակի մեջ։ Մնացածը դեն գցեցինք։ Լվացվելու թասի մեջ կարկանդակ չեփեցինք։ Վախենում էինք ներկը թափվի։ Բայց հորեղբայր Սայլասն արույրե մի լավ տապակ ուներ՝ փայտե կոթով։ Վրան դողում էր։ Դա ժառանգել էր իր պապից, որը բերել էր Անգլիայից Վիհլեմ Աշխարհակալի<ref>Այստեղ Հեքը սովորականի նման շփոթում է ժամանակները․ Վիլհելմ Աշխարհակալը Նորմանդիայի դուքսն էր, XI դարում։ Նա նվաճեց Անգլիան (1066 թ․)։</ref> հետ «Մայիսյան ծաղիկ»<ref>«Մաիսյան ծաղիկ ― նավ, որով XVII դարի սկզբին նավարկեցին Ամերիկա։</ref> նավով կամ առաջին նավերից մեկով։ Այլ թանկարժեք հին իրերի հետ նա այդ տապակը թաքցրել էր ձեղնահարկում։
 
Դրանք թանկ էին ոչ թե նրա համար, որ բարձր գին տվող կար։ Ոչ։ Այդ տեսակետից ոչինչ չարժեին։ Թանկ էին որպես հիշատակ։ Մենք տապակը թռցրինք ու տարանք անտառ։ Առաջին կարկանդակները հաջող չստացվեցին, որովհետև թխել չգիտեինք, բայց վերջինը շատ լավ էր։ Տապակի ներսը խմոր քսեցինք, ապա դրինք կրակին։ Մեջը տեղավորեցինք կտորներից հյուսած պարանը, վրան լցրինք խմոր և փակեցինք կափարիչը։ Կրակը թեժացրինք հինգ ոտնաչափ հեռու՝ փայտե հարմար ու սառը կոթը բռնած։ Տասնհինգ րոպեից հետո մեր կարկանդակը պատրաստ էր։ Նայողը կհիանար։ Բայց ուտողը պետք է ձեռքի տակ տասնյակ ատամնափորիչներ ունենար, որովհետև եթե այդ պարանե սանդուղքից նա չջղաձգվեր, ուրեմն՝ ես ոչինչ չեմ հասկանում։ Դա ստամոքսի այնպիսի ցավ կառաջացներ, որ երբեք չէր մոռանա։
 
Նաթը չնայեց, երբ կախարդված կարկանդակը դրինք Ջիմի տապակի մեջ։ Տապակի հատակին կերակուրի տակ դրինք երեք ափսե։ Այսպիսով Ջիմն ամեն ինչ ձեռք բերեց բարեհաջող կերպով։ Երբ ոչ ոք չկար իր մոտ, նա կոտրեց կարկանդակը և պարանի աստիճանները թաքցրեց ծղոտե ներքնակի մեջ, իսկ թիթեղյա ափսեի վրա մի քանի խազեր քաշելով՝ վերջինս դուրս նետեց պատուհանի անցքից։
 
 
==Գլուխ երեսունութերորդ==
 
 
Գրիչներ պատրաստելը տանջալից, դժվար գործ էր։ Նույնը կարելի է ասել սղոցի մասին։ Իսկ Ջիմը վախենում էր, թե մակագրությունն ամենադժվարը կլինի։ Մակագրությունները պատի վրա բանտարկյալի արած խզբզոցներն են։ Ջիմը ստիպված էր դա անել։ Թոմն ասում էր, թե պարտավոր է անել։ Դեռ չէր եղել այնպիսի դեպք, որ պետական հանցագործն իր մակագրությունները չթողներ պատի վրա, ինչպես և զինանշանը։
 
― Վերցրու լեդի Ջեյն Գրեյին, ― ասաց Թոմը։ ― Գիլֆորդ Դեդլիին կամ ծեր Նորթումբերլենդին։ Ի՞նչ անենք, Հեք, ենթադրենք թե նեղությունը մեծ է։ Ի՞նչ կարող ես անել։ Ինչպե՞ս ես հաղթանակի տանելու։ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես և զինանշանը։ Բոլորն էլ անում են։
 
Ջիմն ասաց․
 
― Միստր Թոմ, չէ՞ որ ես զինանշան չունեմ, բացի ափսեից ու հին շապկից ոչինչ չունեմ, և դուք գիտեք, որ շապիկը օրագրության համար է։
 
― Օ՜, չես հասկանում, Ջիմ, զինանշանը բոլորովին ուրիշ բան է։
 
― Համենայն դեպս, ― ասացի ես, ― Ջիմն իրավացի է, երբ ասում է, թե զինանշան չունի, և իսկապես չունի։
 
― Կարծեմ, ես էլ գիտեմ, ― ասաց Թոմը, ― բայց կարող ես հավատալ, որ նա զինանշան կունենա նախքան այստեղից դուրս գալը։ Նա փախչելու է, իսկ թերի արձանագրությամբ փախչել հնարավոր չէ։
 
Մինչ ես ու Ջիմն աղյուսի վրա սրում էինք գրիչները (Ջիմն արույրից էր պատրաստում, իսկ ես՝ գդալից), Թոմը մտածում էր զինանշանի մասին։ Շուտով նա հայտնեց, որ ինքն այնքան լավ զինանշաններ է վերհիշել, որ չգիտե, թե ո՛րն ընտրի։ Բայց կար մեկը, որի վրա կանգ էր առել։ Նա ասաց․
 
― Մենք զինանշանի վահանի աջ կողմի վրա ունենալու ենք ոսկի գոտի, զինանշանի կենտրոնում՝ մուգ կարմիր շեղախաչ, մի շուն՝ պառկած և գլուխը բարձրացրած, որը նշան է սպառնացող վտանգի, թաթի տակ՝ կեռիկներով զարդարված մի շղթա՝ որպես ստրկության նշան, ատամնավոր եզրերով կանաչ ժապավեն, երեք կոր գիծ՝ երկնագույն դաշտում, իսկ մեջտեղում վահան՝ զինանշան, ատամնավոր եզրերով։ Վերևում՝ փախչող, սևաթույր մի նեգր, կապոցն ուսին, չարաշուք ծովի եզրին և երկու կարմիր հենարան, որոնք կներկայացնենք քեզ և ինձ․ նշանաբանը կլինի․ «Maggiore fretta ― minore atto»։ Ես դա գրքից եմ վերցրել և նշանակում է․ «Շատ շտապես, ուշ տեղ կհասնես»։
 
― Լավ է, ― ասացի ես, ― բայց մնացա՞ծն ինչ է նշանակում։
 
― Մենք ժամանակ չունենք դրա համար անհանգստանալու, ― պատասխանեց նա, ― մենք պետք է շուտ վերջացնենք և դուրս գանք այստեղից։
 
― Լավ, ― ասացի ես, ― գոնե ասա, ինչ է նշանակում զինանշանի կենտրոն։
 
― Զինանշանի կենտրոն․․․ կենտրոն․․․ կարիք չկա իմանալ։ Երբ բանը դրան հասնի, ես Ջիմին ցույց կտամ, թե դա ինչպես պատրաստի։
 
― Դատարկ բան ես խոսում, Թոմ․ մի՞թե չես կարող ասել, թե ինչ է դա։ Իսկ ի՞նչ բան է «չարաշուք ծով»։
 
― Չգիտեմ։ Բայց Ջիմը պետք է այդ բաները պատրաստի։ Բոլոր ազնվականների մոտ էլ դա կա։
 
Նա այդպիսի տղա էր։ Եթե չէր ուզում մի բան բացատրել, չէր բացատրի։ Թեկուզ մեկ շաբաթ փորձես դուրս կորզել գաղտնիքը, միևնույն է, իզուր է։
 
Կարգի բերելով զինանշանի հարցը, նա անցավ մնացածին։ Ուզում էր հնարել սրտաճմլիկ մի մակագրություն։ Ասում էր, որ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես արել են բոլորը։ Նա մի շարք մակագրություններ հորինեց, գրեց թղթի վրա ու կարդաց․
 
«1. Այստեղ փշրվեց գերված մի սիրտ։
 
2. Այստեղ մի խեղճ բանտարկյալ, լքված աշխարհից ու բարեկամներից, քարշ տվեց իր տխուր գոյությունը։
 
3. Այստեղ խորտակվեց մենավոր մի սիրտ․ հոգնած մի հոգի հանգստի գնաց երեսունյոթ տարվա բանտարկությունից հետո։
 
4. Այստեղ երեսունյոթ տարվա դառը բանտարկությունից հետո կորավ լքված ու անտուն, օտարերկրացի մի ազնվական՝ Լյուդովիկոս XIV-ի ապօրինի որդին»։
 
Թոմի ձայնը դուղում էր, երբ կարդում էր դրանք, և քիչ էր մնում լաց լինի։ Երբ վերջացրեց, ոչ մի կերպ չէր կարող որոշել, թե դրանցից ո՛րը Ջիմը պիտի մեխով փորագրի պատի վրա։ Բոլորն անչափ լավ էին։ Վերջիվերջո որոշեց, որ դրանք բոլորն էլ փորագրի պատի վրա։ Ջիմն ասում էր, թե մեխով այդքանը գերանի վրա փորագրելը մեկ տարի կտևի, բացի այդ, ինքը տառերը գրել չգիտե։ Բայց Թոմն ասաց, որ նա ինքը մատիտով կգրի, և նրան այնուհետև ոչինչ չի մնա, բացի գծերը խորացնելուց։ Հետո էլ թե․
 
― Եկեք մտածենք, գերանները հարմար չեն․ բանտի պատերը փայտից չեն շինում։ Մենք պետք է փորագրությունը քարի վրա անենք։ Մի քար բերենք այստեղ։
 
Ջիմն ասաց, որ քարը կոճղից վատ է։ Ասաց, որ քարի վրա փորագրելը շատ ժամանակ կխլի, և ինքը երբեք դուրս չի գա այստեղից։ Բայց Թոմն ասաց, որ ինձ թույլ կտա օգնեմ։ Ապա նայեց, թե ես ու Ջիմն ինչպես ենք գրիչներ պատրաստում։ Դա չափազանց ձանձրալի, ծանր ու դանդաղ առաջ շարժվող գործ էր։ Ձեռքերիս վերքերը դեռ չէին լավացել, և գործն առաջ չէր գնում։ Թոմն ասաց․
 
― Ես գիտեմ, ինչպես գլուխ բերել այս գործը։ Մենք պետք է մի քար բերենք զինանշանի և ողբալի մակագրությունների համար։ Սղոցարանի մոտ կա մի մեծ, գեղեցիկ ջրաղացքար։ Դա քարշ կտանք այստեղ և վրան կփորագրենք մակագրությունները։ Գրիչներն ու սղոցն էլ կսրենք։ Այդպես մեկ քարով երկու թռչուն սպանած կլինենք։
 
Դա վատ միտք չէր, ոչ էլ քարն էր վատ։
 
Որոշեցինք քարշ տալ այդ քարը։ Դեռ կեսգիշեր չկար։ Գնացինք բերելու, Ջիմին թողնելով, որ աշխատի։ Մենք քարշ տվինք քարը և սկսեցինք գլորել դեպի տուն, բայց դա դժոխային չարչարանք էր։ Երբեմն, չնայած մեր բոլոր ջանքերին ոչ մի կերպ չէինք կարողանում այնպես պահել, որ վայր չընկներ և ամեն անգամ ընկնելիս քիչ էր մնում մեզ ճզմեր։ Թոմն ասաց, թե մինչև տուն տանելը մեզանից մեկն ու մեկին կճզմի։ Ճանապարհի կեսն անցանք, բայց կատարյալ ուժասպառ եղանք, քրտինքի մեջ կորանք։ Տեսանք, որ անօգուտ է, երկուսով չենք կարող, ստիպված եղանք գնալ, կանչել Ջիմին։ Նա բարձրացրեց մահճակալի ոտը, շղթան սահեց, վայր ընկավ, ապա այն փաթաթեց վզի շուրջը, և մենք դուրս սողացինք մեր բացած անցքից։ Ջիմն ու ես կպանք քարին, գլորեցինք, ինչպես փայտե անիվ, իսկ Թոմը կարգադրություններ էր անում։ Ավելի լավ կարգադրող տղա ես իմ կյանքում չեմ տեսել։ Ամեն ինչից խելքը հասնում էր։
 
Մեր բաց արած անցքը բավական մեծ էր, բայց ոչ այնքան, որ ջրաղացքարը միջից անցներ։ Ջիմը շուտով վերցրեց քլունգը և ինչքան պետք էր լայնացրեց։ Ապա Թոմը քարի վրա մեխով մակագրություններ արեց և Ջիմին պատվիրեց աշխատել դրանց վրա։ Որպես դուր Ջիմը պետք է օգտագործեր մեխը, կողքի տնակում թափված անպետք իրերի միջից բերած երկաթի կտորն էլ՝ որպես մուրճ։ Թոմը պատվիրեց աշխատել մինչև մոմը վառվի և վերջանա։ Հետո Ջիմը կարող էր պառկել, քարն էլ թաքցնել ծղոտե ներքնակի տակ ու քնել վրան։ Մենք օգնեցինք Ջիմին, շղթան անցկացրինք մահճակալի ոտքին և ինքներս էլ պատրաստվեցինք անկողին մտնել։ Բայց Թոմը հանկարծ ինչ֊որ բան հիշեց․
 
― Այստեղ սարդեր կա՞ն, Ջիմ։
 
― Ոչ, սըր, փառք աստծո, չկան, միստր Թոմ։
 
― Շատ լավ, մի քանի հատ կճարենք։
 
― Բայց աստված օրհնի ձեզ, քաղցրիկս, ինչի՞ս են պետք։ Ես սարդերից վախենում եմ։ Ավելի շուտ կուզենայի բոժոժավոր օձեր։
 
Թոմը մեկ֊երկու րոպե մտածեց և ապա ասաց․
 
― Լավ միտք է։ Պետք է իրականացնել։ Կարծես առաջ այդպիսի բան արել եմ։ Խելքի մոտ բան է։ Այո, դա լավ միտք է։ Որտե՞ղ կարող ես պահել։
 
― Ի՞նչը պահեմ, միստր Թոմ։
 
― Չասացի՞ք բոժոժավոր օձեր։
 
― Ողորմա՜ծ աստված։ Միստր Թոմ, եթե այստեղ բոժոժավոր օձ գա, ես գլուխս հենց այս պատին կտամ կամ կփախչեմ։
 
― Ինչո՞ւ, Ջիմ, կարճ ժամանակից հետո այլևս չես վախենա, կարող ես ընտելացնել։
 
― Ընտելացնե՞լ։
 
― Այո, շատ հեշտ։ Ամեն մի կենդանի, եթե բարի լինեն նրա հանդեպ, փաղաքշեն, երախտապարտ կմնա և չի մտածի վնաս տալ այն մարդուն, ով գուրգուրում է իրեն։ Ուզածդ գրքում այդ մասին գրված կա։ Փորձիր, խնդրում եմ, փորձիր երկու֊երեք օր։ Դու կարող ես այնպես վարժեցնել, որ կարճ ժամանակից հետո օձը քեզ սիրի, քնի քեզ հետ, ոչ մի րոպե չհեռանա քեզանից, թողնի, որ իրեն փաթաթես վզիդ շուրջը և գլուխը դնես բերանիդ մեջ։
 
― Խնդրում եմ, միստր Թոմ, այդպես մի՛ խոսեք։ Չեմ կարող նույնիսկ լսել։ Նա թույլ կտա, որ գլուխը բերանս դնեմ որպես բարյացակամության նշան, այո՞։ Նա շա՜տ պիտի սպասի, մինչև խնդրեմ։ Չեմ էլ ուզում, որ օձն ինձ հետ քնի։
 
― Ջիմ, այդքան հիմար չեն լինի։ Բանտարկյալը պետք է որևէ մունջ մտերիմ էակ ունենա իր մոտ, և եթե մինչև այժմ բոժոժավոր օձ չեն փորձել, ապա որպես առաջին փորձող, դու ավելի մեծ փառք ու համբավ ձեռք կբերես, քան որևէ այլ ձևով, որ կարող ես հնարել՝ կյանքդ փրկելու համար։
 
― Բայց, միստր Թոմ, ես այդպիսի փառք չեմ ուզում։ Եթե օձը Ջիմի ծնոտը կծի, էլ փառքը նրա ինչի՞ն է պետք։ Ոչ, սըր, ես այդպիսի բան չեմ ուզում։
 
― Գրողը տանի, մի՞թե չես կարող փորձել։ Ես միայն ուզում եմ, որ փորձես։ Եթե չհաջողվի, ոչ ոք քեզ չի ստիպի օձ պահել։
 
― Բայց դժբախտությունն արդեն եկած կլինի, եթե հենց փորձելու ժամանակ նա ինձ խայթի։ Միստր Թոմ, ես համաձայն եմ անել ամեն ինչ, որը հարմար կգտնեք, բայց եթե դուք և Հեքը բոժոժավոր օձ բերեք այստեղ, որպեսզի ես ընտելացնեմ, ապա կփախչեմ, անպայման կփախչեմ։
 
― Լավ, թողնենք այդ, թողնենք, եթե դու այդքան բթամիտ ես։ Այդ դեպքում կբերենք մի քանի լորտու։ Պոչերին մի քանի կոճակ կկապես և կերևակայես, թե բոժոժավոր օձեր են։ Կարծում եմ՝ սա հնարավոր է։
 
― Լորտուները ոչինչ, միստր Թոմ, բայց մի՞թե առանց դրանց հնարավոր չէ․․․ Ես երբեք չէի լսել, որ բանտարկյալ լինելն այսքան ձանձրալի է, այսքան տանջալի։
 
― Միշտ էլ այդպես է լինում, երբ պահպանում ես բոլոր կանոնները։ Այստեղ առնետներ կա՞ն։
 
― Ոչ, սըր, ոչ մի հատ չեմ տեսել։
 
― Լավ, այդ դեպքում մի քանի առնետ կճարենք։
 
― Միստր Թոմ, ես առնետ չեմ ուզում։ Դրանք մարդկանց խանգարելու տեսակետից ամենաանիծված արարածներն են․ վազում են մարդու վրա, կծում ոտքը, երբ ուզում է քնել։ Ո՛չ, սըր, այդ դեպքում ինձ լորտուներ տվեք, եթե անպայման անհրաժեշտ են, բայց առնետ պետք չէ։ Ես դրանց կարիքը չունեմ։
 
― Բայց, Ջիմ, այդպես չի լինի։ Բոլորի մոտ էլ առնետներ են լինում։ Չեմուչեմ չանես։ Բանտարկյալները երբեք առանց առնետների չեն լինում։ Այդպիսի օրինակ չկա։ Եվ նրանք վարժեցնում են առնետներին, գուրգուրում են նրանց, սովորեցնում են աճապարություն։ Առնետները նույնքան ընկերասեր են դառնում, որքան ճանճերը։ Բայց դու էլ պարտավոր ես նրանց համար նվագել։ Որևէ գործիք ունե՞ս։
 
― Ես ոչինչ չունեմ, բացի մի կոպիտ սանրից, մի կտոր թղթից ու շրթհարմոնից։
 
― Ոչինչ, բավական է, նրանց համար նշանակություն չունի, թե ինչ տեսակի երաժշտություն է։ Առնետի համար շրթհարմոնը միանգամայն բավական է։ Բոլոր կենդանիները սիրում են երաժշտություն, իսկ բանտում ավելի շատ, հատկապես տխուր երաժշտություն։ Իսկ շրթհարմոնից երբեք ուրիշ ձայն դուրս չի գա։ Դա միշտ հետաքրքիր է նրանց համար։ Դուրս են գալիս տեսնելու, թե ինչ ես անում։ Այո, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ տեղին է։ Դու ամեն երեկո քնելուց առաջ, ինչպես և վաղ առավոտյան, պետք է նստես անկողմնուդ և նվագես։ Նվագելու ես «Վերջին կապը կտրված է»։ Այդ եղանակն առնետին ավելի դուր կգա, քան որևէ այլ բան։ Եվ երբ մեկ֊երկու րոպե նվագես, կտեսնես, որ բոլոր առնետները, օձերը, սարդերը և այլ արարածներ կհուզվեն, կհավաքվեն քո շուրջը։ Նրանք բոլորը կմագլցեն քեզ վրա և կուրախանան։
 
― Այո, կուրախանան, միստր Թոմ, իսկ ինչպե՞ս ուրախանա Ջիմը։ Անիծվեմ, թե ես կարողանամ տեսնել այդ բանը։ Բայց ես կանեմ, եթե պետք է։ Կարծում եմ, որ ավելի լավ է կենդանիներին զվարճացնեմ, քան թե իրարից նեղանանք։
 
Թոմը կանգ առավ այդ հարցի մասին նորից մտածելու և տեսնելու, թե ուրիշ բան չկա՞ անելու։ Շուտով նա ասաց․
 
― Օ՜, մի բան մոռացել եմ։ Կարո՞ղ ես այստեղ ծաղիկ աճեցնել, ի՞նչ ես կարծում։
 
― Չգիտեմ, գուցե կարողանամ, միստր Թոմ, բայց այստեղ շատ մութ է, և ես էլ սովոր չեմ ծաղիկներ խնամելու։ Բացի այդ, դա մեծ նեղություն կլինի։
 
― Համենայն դեպս, փորձիր։ Ուրիշ բանտարկյալներ նման բան արել են։
 
― Գուցե շան պոչի նման խռնդատն աճի այստեղ, միստր Թոմ, բայց դա իր պատճառած նեղության կեսն էլ չարժե։
 
― Դու այդ մասին մի՛ մտածիր։ Մենք մի փոքր ծաղիկ կբերենք, կտնկես անկյունում և կաճեցնես։ Բացի այդ, դու ծաղիկը կանվանես ոչ թե խանդոտ, այլ «պիչչիոլա»։<ref>Պիչչիոլա ― իտալերեն՝ ցողուն, ծաղիկ։</ref> Դրա իսկական անունն այդ է, երբ աճում է բանտում։ Պետք է արցունքներով ջրես։
 
― Ինչո՞ւ, միստր Թոմ, ես աղբյուրի ջուր շատ ունեմ։
 
― Դու չպիտի ցանկանաս աղբյուրի ջրով ջրել, պիտի արցունքներով ջրես։ Բանտարկյալները միշտ այդպես են անում։
 
― Ինչո՞ւ, միստր Թոմ, խռնդատի ցողունը ես կարող եմ աղբյուրի ջրով լավ աճեցնել, իսկ մի ուրիշը՝ արցունքով։
 
― Հարցն այդ չէ։ Դու պարտավոր ես արցունքով աճեցնել։
 
― Բայց դա կչորանա, միստր Թոմ, անպայման կչորանա, որովհետև ես շատ հազվադեպ եմ լաց լինում։
 
Թոմն այստեղ կանգ առավ։ Մտածեց, մտածեց և ասաց, որ Ջիմը արտասվելու համար պետք է սոխ գործածի։ Նա խոստացավ առավոտյան գնալ նեգրերի հյուղակները և թաքուն մի սոխ գցել Ջիմի սրճամանի մեջ։ Ջիմն ասաց, որ ավելի լավ է ծխախոտ լցնի սրճամանի մեջ։ Նա գտնում էր, որ սխալ բաներ ենք անում, և ինքը ձանձրացել է այդ բոլորից՝ և՛ բույս աճեցնել, և՛ առնետների համար նվագել, և՛ օձեր ու սարդեր փաղաքշել։ Այդ բոլորից բացի, նա պետք է գրչով մակագրություններ աներ, օրագիր պահեր և նման բաներ։ Նա ասաց, որ առանց այդ էլ, բանտարկյալ լինելը տաժանակիր գործ է, ավելի վատ, քան մինչև այժմ իր կատարած որևէ գործ, և դեռ պետք է այդ բոլորի համար պատասխանատու լինել։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ ինքը՝ Ջիմը հռչակ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան աշխարհում որևէ այլ բանտարկյալ։ Ջիմը դա չի գնահատում, և ամեն ինչ կորչում է։ Ջիմը զղջաց իր տրտունջի համար և ասաց, որ նման բան այլևս չի անի։ Դրանից հետո Թոմն ու ես գնացինք քնելու։
 
 
==Գլուխ երեսունիններորդ==
 
 
Առավոտյան գնացինք գյուղ, գնեցինք մետաղալարից պատրաստած թակարդ, բերինք տուն։ Ներքնահարկում բաց արինք ամենամեծ բույնը և մոտ մեկ ժամում բռնեցինք տասնհինգ ընտիր առնետ։ Դրանք տարանք ու թաքցրինք ապահով մի տեղ՝ մորաքույր Սալլիի մահճակալի տակ։ Մինչ մենք գնացել էինք սարդեր հավաքելու, փոքրիկ Թոմաս Ֆրանկլին Ջեֆերսոն Ալեքսանդր Ֆելփսը գտել էր վանդակը և բաց արել դուռը, որպեսզի տեսներ, թե առնետները դուրս կգա՞ն։ Առնետները դուրս էին եկել։ Երբ մենք վերադարձանք, մորաքույր Սալլին կանգնել էր մահճակալի վրա և ամբողջ ուժով ճչում էր։ Իսկ առնետներն ամեն ինչ անում էին նրա աշխուժությունը չնվազեցնելու համար։ Նա ընկուզենու փայտով լավ ծեծեց մեզ, իսկ մենք երկու ժամ կորցրինք, մինչև նորից բռնեցինք տասնհինգ֊տասնվեց հատ։ Անիծվի այդ անտանելի լակոտը․ ամեն բանի խառնվում է։ Վերջին առնետները բանի նման չէին։ Առաջին անգամ բռնել էինք ամենաընտիրները։ Դրանց նման առնետներ երբեք չեմ տեսել։
 
Մենք ձեռք բերինք ընտիր սարդերի, բզեզների, գորտերի, թրթուրների և այլ միջատների հիանալի մի հավաքածու։ Փորձեցինք ձեռք բերել և պիծակների բույն, բայց չկարողացանք․ ներսում էին։ Հեշտությամբ ձեռք չքաշեցինք դրանից։ Երկար ժամանակ սպասեցինք, որ հոգնեցնենք, դուրս վռնդենք բնից, բայց նրանք մեզ վռնդեցին։ Անուշադրի սպիրտով շփեցինք կծած տեղերը, ցավը բավական մեղմացավ, բայց երկար ժամանակ հանգիստ նստել չէինք կարող։ Այնուհետև գնացինք օձ ճարելու։ Բռնեցինք մոտ տասնյակ լորտու և օձակերպ մողես, դրինք պարկի մեջ ու թաքցրինք սենյակում։ Արդեն ընթրիքի ժամանակ էր, և մենք բարեխղճորեն կատարել էինք մի լավ օրվա աշխատանք։ Գուցե քաղց էինք զգում, բայց ոչ, այդ մասին չխոսենք։ Կարևորն այն է, որ երբ վերադարձանք, ոչ մի օրհնված օձ պարկի մեջ չէր մնացել։ Պարկի բերանը լավ չէինք կապել, և նրանք դուրս էին սողացել ու ցրվել։ Բայց դա մեզ շատ չանհանգստացրեց․ պետք է որ մոտերքում լինեին։ Հույս ունեինք, որ գոնե մի քանիսին նորից կբռնենք։ Եվ, իրոք, երկար ժամանակ տան ներսում ու շրջակայքում դրանք չէին պակասում։ Հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես առաստաղից կամ մի տեղից կախվում էին ցած, ընկնում ափսեիդ մեջ, վզիդ և մեծ մասամբ այնպիսի տեղ, որ ցանկալի չէր։
 
Այդ օձերը գեղեցիկ էին, երիզավոր և եթե մեկ միլիոն էլ լինեին, ոչ ոքի վնաս չէին տա։ Բայց մորաքույր Սալլիի համար դա ոչ մի նշանակություն չուներ։ Նա օձերին ատում էր, ինչ տեսակի էլ որ լինեին, և ինչ էլ անեինք, դրանց տանել չէր կարող։ Ամեն անգամ, երբ օձն ընկնում էր նրա վրա, գործը թողած վեր էր թռչում։ Ես այդպիսի կին երբեք չեմ տեսել։ Այնպես էր գոռում, որ ձայնը կարելի էր լսել Երիկոնում։ Ոչ մի կերպ հնարավոր չէր ստիպել նրան, որ օձ բռնի, թեկուզ ունելիով։ Իսկ եթե շուռ գար ու մի օձ տեսներ անկողնում, այնպես կճչար, որ մարդիկ կկարծեին, թե տունը հրդեհ է ընկել։ Նա այնքան անհանգստացրեց ծերուկին, որ խեղճ մարդն ասաց․ «Երանի՜ աստված օձ չստեղծեր»։ Թեև վերջին օձն էլ արդեն հեռացել էր և մեկ շաբաթ էր անցել, բայց մորաքույր Սալլին դեռ չէր հանգստանում։ Միտք էլ չուներ հանգստանալու։ Երբ մտքերով տարված նստած էր լինում և մեկը վզին փետուր էր քսում, նա վեր էր թռչում։ Նման պահերին հետաքրքիր էր նայելը։ Թոմն ասում էր, որ բոլոր կանայք այդպես են։ Ասում էր, որ դրանք այդպես են ստեղծված։ Թե ինչո՛ւ, չես կարող իմանալ։
 
Ամեն անգամ, երբ մեր օձերը մորաքույր Սալլիի աչքովն էին ընկնում, ծեծ էինք ուտում։ Նա ասում էր, որ դա ոչինչ է՝ համեմատած այն պատիժների հետ, որ կտա մեզ, եթե մեկ էլ տունը լցնենք օձերով։ Այդ ծեծերի համար ես շատ չէի մտահոգվում․ դրանք մի բան չէին։ Ես մտածում էի, թե որքա՞ն պիտի տանջվենք մինչև նորից հավաքենք։ Բայց մենք հավաքեցինք դրանք էլ, ուրիշ կենդանիներ էլ։ Դուք երբեք տեսած չեք լինի մի տնակ, որտեղ այնքան աշխուժություն լիներ, ինչպես Ջիմի խցիկում, երբ այդ էակները խռնվում էին երաժշտության համար և վխտում նրա շուրջը։ Ջիմը սարդեր չէր սիրում, սարդերն էլ նրան չէին սիրում։ Սարդերն ամեն կողմից նեղացնում, բարկացնում էին նրան։ Ջիմն ասում էր, որ ջրաղացքարի, առնետների ու օձերի պատճառով այլևս տեղ չկա մահճակալի համար, իսկ եթե լինի էլ, այդ խառնաշփոթության մեջ հազիվ թե հնարավոր լինի քնել։ Այդ աշխուժությունը բոլորովին չէր պակասում, որովհետև երբեք բոլորը միաժամանակ չեն քնում։ Երբ օձերը քնած են, առնետներն են արթուն, երբ առնետներն են քնում, օձերն են արթուն։ Այնպես որ միշտ խառնիճաղանջ մի խումբ լինում է կողքին և թույլ չի տալիս ազատ պառկել, իսկ մյուսները նրա վրա ձիարշավի են դուրս գալիս, ինչպես կրկեսում։ Եվ երբ ինքը վեր է կենում մի նոր տեղ գտնելու, սարդերն են սկսում։ Ասում էր, որ եթե ինքը դուրս գա այստեղից, այլևս բանտարկյալ չի դառնա, թեկուզ բարձր աշխատավարձ տան։
 
Երեք շաբաթ անց ամեն ինչ կարգին էր։ Շապիկը, կարկանդակի մեջ դրած, վաղուց էինք տեղ հասցրել։ Եվ ամեն անգամ, երբ առնետը կծում էր Ջիմին, Ջիմը վեր էր կենում և իր օրագրում մի տող ավելացնում, քանի դեռ թանաքը չէր չորացել։ Գրիչները պատրաստել էինք, մակագրությունները փորագրել ջրաղաց քարի վրա, մահճակալի ոտքը սղոցել, երկու մասի էինք բաժանել, թեփը կերել էինք, բայց դա այնպես ցավեցրեց մեր ստամոքսը, որ կարծում էինք, թե կմեռնենք։ Լավ է, ոչինչ չեղավ։ Կյանքումս ավելի անմարսելի սղոցաթեփ չէի տեսել։ Նույն բանն ասաց և Թոմը։ Բայց, ինչպես ասացի, այժմ վերջապես բոլոր գործերը կատարված էին։ Մենք, իհարկե, դրա համար շատ տանջվեցինք, հատկապես՝ Ջիմը։
 
Ծերունին երկու անգամ նամակ էր ուղարկել Օռլեանի մոտերքում գտնվող մի պլանտացիա, որպեսզի գան, տանեն իրենց փախած նեգրին։ Բայց ոչ մի պատասխան չէր ստացել․ այդպիսի պլանտացիա գոյություն չուներ։ Նա որոշեց Ջիմի մասին Սեն Լուիի և Նոր Օռլեանի թերթերում հայտարարություն տալ։ Երբ նա հիշատակեց Սեն Լուիի թերթերի մասին, սառը դող անցավ մարմնովս։ Տեսա, որ ժամանակ չունենք կորցնելու։ Թոմն ասաց, որ արդեն անանուն նամակներ գրելու ժամանակն է։
 
― Դա ի՞նչ բան է, ― հարցրի ես։
 
― Զգուշացնել մարդկանց, թե ինչ֊որ փորձանք է գալու։ Տարբեր ձևեր կան։ Ինչ որ է, միշտ մեկը հետևում է հանցագործին և տեղեկացնում ամրոցի պետին։ Երբ Լյուդովիկոս XVI֊ը պատրաստվում էր փախչել Տյուիլրիից, այդ մասին տեղեկացրեց մի աղախին։ Դա շատ լավ միջոց է։ Անանուն նամակները նույնպես վատ չեն։ Մենք այդ երկու միջոցներն էլ կօգտագործենք։ Սովորաբար բանտարկյալի մայրը որդու հետ փոխում է շորերը և ինքը մնում է նրա տեղը, իսկ բանտարկյալը փախչում է մոր շորերով։ Մենք այդ էլ կանենք։
 
― Բայց լսիր, Թոմ, ի՞նչ կարիք կա նախազգուշացնել մարդկանց, թե դավադրություն պիտի լինի։ Թող իրենք իմանան․ դա արդեն նրանց գործն է։
 
― Այո, գիտեմ։ Բայց չի կարելի վստահ լինել, թե նրանք կհսկեն։ Հենց սկզբից նրանք մեզ լրիվ ազատ թողեցին, թույլ տվին, որ ամեն ինչ անենք։ Նրանք այնքան վստահում են մարդկանց և այնպես միամիտ են, որ ոչ մի բան չեն նկատի։ Եթե մենք նրանց չնախազգուշացնենք, ապա ոչ մի մարդ կամ միջոց չի լինի, որը խանգարի մեզ, և մեր այս ամբողջ ծանր աշխատանքից ու նեղությունից հետո այս փախուստը տեղի կունենա շատ հարթ ձևով, զրոյի հավասար, աննպատակ։
 
― Լավ, ինչ վերաբերում է ինձ, Թոմ, իմ ուզածն էլ հենց այդ է։
 
― Դատարկ բան, ― ասաց նա դժգոհ։
 
― Բայց ես չեմ տրտնջում, Թոմ։ Ինչ ձև էլ որ հարմար գտնես, միևնույն է։ Իսկ աղախինի համար ի՞նչ ես անելու։
 
― Նրա դերը դու կտանես։ Կեսգիշերին ներս կմտնես և կթռցնես խառնածինի զգեստը։
 
― Բայց, Թոմ, առավոտյան նա մեծ աղմուկ կբարձրացնի, որովհետև նա հավանորեն միայն մի զգեստ ունի։
 
― Գիտեմ, բայց քեզ այդ զգեստը միայն տասնհինգ րոպե է պետք, մինչև անանուն նամակը տանես դռան տակը դնես։
 
― Լավ, կանեմ, բայց ես կարող եմ այդ գործը նույնքան հաջող կատարել և իմ հագուստներով։
 
― Բայց այդ դեպքում դու չես նմանվի աղախնի, չէ՞։
 
― Ոչ, սակայն ոչ ոք չի լինի այնտեղ, որպեսզի տեսնի, թե ինչի եմ նման։
 
― Դա գործի հետ կապ չունի։ Մենք պետք է մեր պարտականությունը ճշտությամբ կատարենք և չմտահոգվենք՝ մեզ կտեսնե՞ն, թե՞ ոչ։ Մի՞թե դու սկզբունքից զուրկ ես։
 
― Լավ, ոչինչ չեմ ասում։ Ես կլինեմ աղախին։ Իսկ ո՞վ է Ջիմի մայրը։
 
― Մայրն էլ ես կլինեմ։ Ես էլ մորաքույր Սալլիի զգեստը կգողանամ։
 
― Ուրեմն՝ դու մնալու ես հյուղակո՞ւմ, երբ ես ու Ջիմը գնանք։
 
― Երկար չեմ մնա։ Ջիմի շորերը կլցնեմ ծղոտով, կդնեմ նրա մահճակալի վրա և կերևակայեմ, թե դա նրա ծպտված մայրն է։ Իսկ Ջիմը կհագնի իմ տված կանացի զգեստը, և մենք բոլորս միասին կփախչենք։ Երբ մի ազնիվ բանտարկյալ է փախչում, ասում են «խույս տվեց»։ Միշտ այդպես են ասում, երբ, օրինակի համար, թագավոր է փախչում։ Նույնը վերաբերում է և թագավորի որդուն (նշանակություն չունի օրինական որդի՞ է, թե ոչ)։
 
Թոմը գրեց անանուն նամակը, ես գիշերը թռցրի խառնածինի զգեստը, հագա, և նամակը դրեցի դռան տակ, ինչպես ասել էր Թոմը։ Նամակում գրված էր․
 
«Զգուշացեք, ձեզ վտանգ է սպառնում։ Եղեք աչալուրջ։
 
:::::::::::::::::Անհայտ բարեկամ»։
 
Հաջորդ գիշերը ճակատի դռանը մի նկար փակցրինք, որը Թոմը նկարել էր արյամբ։ Դա ներկայացնում էր մի գանգ և խաչաձևած ոսկորներ։ Երրորդ գիշերը փակցրինք մի դագաղ՝ ետևի դռան վրա։ Ես երբեք չեմ տեսել մի ընտանիք, որն այդ աստիճան սարսափահար լիներ։ Ավելի չէին ահաբեկվի, եթե տունը լցված լիներ ուրվականնեով, որոնք պառկած լինեին ամեն մի իրի ետևում, մահճակալների տակ և օրորվեին օդում։ Երբ դուռն էին ծեծում, մորաքույր Սալլին վեր էր թռչում ու հառաչում՝ «ո՜ւհ»։ Երբ մի բան վայր էր ընկնում, նույնպես վեր էր թռչում ու հառաչում։ Եթե պատահմամբ դիպչեին նրան, և նա չնկատեր, թե ով է, նույն աղաղակն էր լսվում։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում մի բանի ուղիղ նայել ու գոհ մնալ, որովհետև միշտ թվում էր, թե իր ետևում մի բան կա։ Միշտ անսպասելիորեն պտույտ էր գալիս ու բացականչում՝ «ո՜ւհ»։ Պտույտի երկու երրորդը դեռ չկատարած՝ ետ էր դառնում ու կրկնում նույն բացականչությունը։ Նա վախենում էր անկողին մտնել, ամբողջ գիշերը նստել ու սպասել նույնպես չէր կարողանում։ Այնպես որ գործը լավ էր գնում, ասում էր Թոմը։ Նա ասում էր, որ ինքը երբևէ չի տեսել մի բան, որն ավելի գոհացուցիչ արդյունք տար, և այդ ցույց էր տալիս, որ ամեն ինչ ճիշտ է կատարված։
 
Այժմ, Թոմի կարծիքով, գլխավոր հարվածի ժամանակն է։
 
Հաջորդ առավոտյան, երբ նոր էր լույսը բացվել, մի այլ նամակ պատրաստեցինք, բայց չգիտեինք, թե ինչպես տեղ հասցնենք։ Ընթրիքի ժամանակ լսեցինք, որ ամբողջ գիշերը յուրաքանչյուր դռան առջև մի նեգր է հսկելու։ Թոմը շանթարգելով ցած սողաց շրջակայքը լրտեսելու և տեսավ, որ ետևի դռան մոտ կանգնած նեգրը քնած է։ Նամակը նրա օձիքը խցկեց ու վերադարձավ։ Նամակում գրված էր․
 
«Ինձ մի՛ մատնեք․ ես ձեր բարեկամն եմ։ Այս գիշեր հնդկացիների կողմերից եկած մարդասպանների կատաղի մի խումբ պատրաստվում է գողանալ ձեր փախած նեգրին։ Նրանք փորձում են ահաբեկել ձեզ, որպեսզի դուք տանը մնաք և նրանց նեղություն չտաք։ Ես այդ խմբի անդամներից մեկն եմ, բայց կրոնական դաստիարակություն եմ ստացել․ ուզում եմ թողնել ավազակությունը և նորից վարել ազնիվ կյանք։ Ահա և հայտնում եմ նրանց դժոխային ծրագրերը։ Նրանք ցած կսողոսկեն հյուսիսային կողմից, ցանկապատի երկարությամբ, ուղիղ կեսգիշերին։ Ունեն հարմար բանալի․ կգնան նեգրի հյուղակը և նրան կտանեն։ Ես մի փոքր հեռու եմ կանգնելու և վտանգի դեպքում փող եմ փչելու։ Բայց դրա փոխարեն ոչխարի պես կմայեմ, հենց որ նրանք ներս մտնեն, և երբեք փող չեմ փչի։ Երբ նրանք կսկսեն շղթան քանդել, դուք թաքուն մոտեցեք։ Դուռը նրանց վրա կողպեք, որից հետո կարող եք նույնիսկ սպանել նրանց, եթե ցանկանաք։ Ոչինչ չձեռնարկեք, բացի այն միջոցներից, որ ես եմ ասում, այլապես նրանք կկասկածեն ինչ֊որ բանի վրա և աղմուկ կբարձրացնեն։ Ոչ մի հատուցում չեմ պահանջում։ Բավական է այն, որ վարմունքս ազնիվ է։
 
:::::::Անհայտ բարեկամ»։
 
 
==Գլուխ քառասուներորդ==
 
 
Նախաճաշից հետո մեզ շատ լավ էինք զգում։ Վերցնելով իմ նավակը, գնացինք ձուկ որսալու, մեզ հետ վերցրինք նաև ուտելիք և լավ ժամանակ անցկացրինք։ Գնացինք տեսնելու իմ լաստը և այն գտանք շատ լավ վիճակում։ Տուն վերադարձանք երեկոյան, ընթրիքի ժամանակ։ Տնեցիներն այնպես մտատանջ ու հուզված վիճակում էին, որ չգիտեին ինչ անել։ Երբ ընթրիքը վերջացրինք, մեզ անմիջապես ուղարկեցին քնելու և չուզեցին ասել, թե ինչ փորձանքի մեջ են ընկել։ Ոչ մի բառ չասացին նոր նամակի մասին։ Ասենք, դա մեզ պետք էլ չէր․ մենք դրան նույնքան էինք տեղյակ, որքան իրենք։ Հենց որ աստիճանների կեսը բարձրացանք, և մորաքույրը շուռ եկավ գնալու, մենք մտանք մառանը, մոտեցանք պահարանին, մեր գրպանները լցրինք ուտելիքներով ու պառկեցինք մահճակալների վրա։ Վեր կացանք ժամը տասնմեկնանց կեսին։ Թոմը հագավ մորաքույր Սալլիի զգեստը, որ գողացել էր, և մենք արդեն պատրաստ էինք ուտելիքներով իջնել ներքև։
 
― Որտե՞ղ է կարագը, ― հանկարծ հարցրեց նա։
 
― Ես մի ամբողջ կտոր հանեցի ու դրեցի եգիպտացորենի հացի վրա, ― պատասխանեցի ես։
 
― Ուրեմն՝ այնտեղ ես թողել, այստեղ չկա։
 
― Մենք առանց կարագի էլ յոլա կգնանք, ― ասացի ես։
 
― Իսկ կարագով ավելի լավ յոլա կգնանք, ― ասաց նա, ― վազիր մառանը և բեր։ Հետո իջիր շանթարգելով ու եկ ինձ մոտ։ Ես գնում եմ Ջիմի շորերը ծղոտով լցնելու, իբր թե դա նրա ծպտված մայրն է։ Ես պատրաստ կսպասեմ, և հենց որ երևաս, ոչխարի նման կմայեմ։
 
Այսպիսով նա դուրս գնաց, իսկ ես իջա մառանը։ Կարագի բռնցքաչափ կտորն ընկած էր այնտեղ, ուր թողել էի։ Եգիպտացորենի հացի շերտի հետ դա վերցրի, մոմը հանգցրի և գողեգող բարձրացա վերև։ Բարեհաջող տեղ հասա, բայց ահա երևաց մորաքույր Սալլին՝ մոմը ձեռքին։ Ես կարագն ու հացը արագ թաքցրի գլխարկիս մեջ և դրի գլխիս։ Հաջորդ վայրկյանին նա ինձ նկատեց․
 
― Մառանո՞ւմ էիր։
 
― Այո, տիկին։
 
― Ի՞նչ էիր անում։
 
― Ոչինչ։
 
― Ոչի՞նչ։
 
― Այո, ոչինչ։
 
― Խելքիդ ի՞նչ փչեց գիշերվա այս ժամին մտնել այնտեղ։
 
― Չգիտեմ, տիկին։
 
― Չգիտե՞ս։ Ինձ այդպես մի՛ պատասխանիր, Թոմ, ուզում եմ իմանալ, թե ի՛նչ էիր անում այնտեղ։
 
― Ոչ մի բան չէի անում, մորաքույր Սալլի, աստված վկա, ոչինչ չէի անում։
 
Կարծում էի, թե նա ինձ բաց կթողնի, ինչպես սովորաբար թողնում էր, բայց այժմ այդ տանն այնքան տարօրինակ բաներ էին տեղի ունենում, որ նա ամեն մի փոքրիկ բանից վախենում էր։ Ուստի չափազանց վճռական ձայնով ասաց․
 
― Գնա նախասենյակ և նստիր այնտեղ, մինչև ես գամ։ Դու ինչ֊որ բաներ ես անում, որ քեզ չեն վերաբերում։ Մինչև չիմանամ, քեզ բաց չեմ թողնի։
 
Երբ ես բաց արի նախասենյակի դուռը և ներս մտա, նա թողեց հեռացավ։ Բայց աստվա՜ծ իմ, այնտեղ հավաքվել էին տասնհինգ ագարակատերեր, և յուրաքանչյուրի ուսին հրացան կար։ Ես ուղղակի թուլացա, կուչ եկա ու նստեցի մի աթոռի վրա։ Նրանք նստել էին այս ու այն անկյունում։ Մի քանիսը երբեմն ցածրաձայն խոսում էին իրար հետ։ Բոլորն բարկացած ու անհանգիստ էին։ Թեև փորձում էին երևալ անվրդով, բայց ես գիտեի, թե ինչն ինչոց է․ շարունակ հանում էին գլխարկները, նորից դնում գլխներին, քորում գլուխները, փոխում տեղերը, քաշքշում կոճակները։ Ինքս էլ հանգիստ չէի, բայց միևնույն էր, գլխարկս հանել չէի կարող։
 
Ուզում էի, որ մորաքույր Սալլին շուտ գար և ինձ հետ հաշիվը փակեր։ Թող ծեծեր ինձ, եթե ուզում էր, միայն թե շուտ բաց թողներ, որ գնայի, Թոմին ասեի, թե մենք որքան երկար եփեցինք այս ճաշը և ինչ մեղվաբույն խառնեցինք։ Պետք է անմիջապես դադարեցնեինք այս խեղկատակությունները և փախչեինք Ջիմի հետ, նախքան այս հորձանքը, համբերությունից դուրս գալով, կխուժի մեզ վրա։
 
Վերջապես մորաքույր Սալլին եկավ և սկսեց հարցեր տալ ինձ, բայց ես չկարողացա ուղղակի պատասխանել։ Չգիտեի՝ ինչ ասեմ, որ հարմար լինի։ Մարդիկ այնպիսի անհանգիստ շարժումներ էին անում, որ մի քանիսը նույնիսկ ուզում էին իսկույն վեր կենալ և հետապնդել այդ կատաղի ավազակներին, ասելով, թե ընդամենը մի քանի րոպե է մնացել մինչև կեսգիշերը։ Մի մասն էլ ասում էր, թե պետք է համբերել, մինչև մայունով ազդանշան տրվի։ Մորաքույրն էլ ինձ էր հարցերով տանջում։ Ես դողում էի ամբողջ մարմնով և պատրաստ էի գետինը մտնել, այնքա՜ն վախեցել էի։ Սենյակը ավելի ու ավելի շոգեց, կարագն սկսեց հալչել ու հոսել վզիս վրայով ու ականջներիս ետևեով։ Շուտով, երբ այդ մարդկանցից մեկն ասաց, որ «պետք է հենց հիմա գնալ հյուղակը և սպասել ու բռնել նրանց, հենց որ ներս մտնեն», քիչ էր մնում ուշաթափվեի։ Հալված կարագի մի շիթ սկսեց ծորել իմ ճակատի վրայով։ Մորաքույր Սալլին տեսավ, սավանի պես սպիտակեց ու ասաց․
 
― Ի սե՜ր աստծո, ի՞նչ պատահեց տղային։ Երևի ուղեղի բորբոքում է․ ահա, ուղեղը դուրս է ծորում։
 
Բոլորը վազեցին տեսնելու ինձ, իսկ մորաքույրը վերցրեց գլխարկս։ Հացն ու կարագի մնացած մասը ցած ընկան։ Մորաքույրն ինձ գրկեց ասելով․― Օ՜, որ քա՜ն վախեցրիր ինձ, որքա՜ն ուրախ եմ, որ վատ բան չկա։ Առանց այն էլ գործերս ձախ են գնում։ Մեկ էլ տեսար՝ մի նոր փորձանք եկավ։ Հենց որ նայեցի քեզ, մտածեցի, թե կորած ես։ Գույնիցդ և ամեն ինչից ենթադրեցի, թե ուղեղդ է․․․ Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ չասացիր, որ դրա համար ես մառան գնացել․ ես քեզ ոչինչ չէի ասի։ Դե՛, փախի՛ր, գնա քնիր․ մինչև առավոտ քեզ չտեսնեմ։
 
Մի վայրկյանում արդեն վերևի հարկում էի։ Հաջորդ վայրկյանին շանթարգելով իջա ներքև և մթության մեջ սլացա դեպի կից հյուղակը։ Հազիվ էի կարողանում խոսել, այնքան հուզված էի։ Բայց կարողացածիս չափ արագ ասացի Թոմին, որ պետք է հեռանանք և ոչ մի րոպե կորցնել չի կարելի, տունը լցված է մարդկանցով և բոլորը հրացան ունեն։
 
Նրա աչքերը շողացին, և նա ասաց․
 
― Ո՛չ, մի՞թե այդպես է։ Հիանալի՜ է։ Եթե ես ստիպված լինեի ամեն ինչ նորից սկսել, գրազ կգամ, որ երկու հարյուր մարդ հավաքել կտայի։ Եթե կարողանայինք հետաձգել մինչև․․․
 
― Շտապի՛ր, շտապի՛ր, ― ասացի ես, ― ո՞ւր է Ջիմը։
 
― Ահա, կողքիդ է․ ձեռքդ պարզես, նրան կդիպչի։ Նա հագնվել է և ամեն ինչ պատրաստ է։ Այժմ պիտի ծլկենք և ես մայունի ազդանշան կտամ։
 
Բայց շուտով լսեցինք դռանը մոտեցող ոտնաձայներ, լսեցինք, թե ինչպես են կողպեքը այս ու այն կողմ շուռ տալիս։ Նրանցից մեկն ասաց․
 
― Ես ձեզ ասում էի, թե դեռ շուտ է, նրանք դեռ եկած չեն լինի․ դուռը փակ է։ Սպասեցեք, ես ձեզանից մի քանիսին կփակեմ հյուղակում, դուք թաքնվեք մթության մեջ․ կսպանեք նրանց, երբ գան։ Մնացածներդ ցրվեք մոտակայքում և ուշադիր հետևեք նրանց գալուն։
 
Նրանք մտան ներս, բայց մեզ տեսնել չէին կարող, մութ էր։ Մինչ մենք շտապում էինք մահճակալի տակ մտնել, նրանք այնքան մոտեցան, որ քիչ էր մնում տրորեին մեզ։ Բայց մենք հաջող կերպով սողացինք անցքի մեջ՝ արագ, բայց անաղմուկ, սկզբում Ջիմը, հետո ես և վերջում Թոմը։ Դա կատարվեց համաձայն Թոմի կարգադրության։ Այժմ մենք կից հյուղակում էինք և լսում էինք մոտիկից եկող ոտնաձայներ։ Սողացինք դեպի դուռը, Թոմն այնտեղ կանգնեցրեց մեզ և դռան ճեղքից նայեց դուրս, բայց ոչինչ չտեսավ, որովհետև մութ էր։ Նա շշուկով ասաց, թե պետք է ականջ դնի այնքան, մինչև ոտնաձայները հեռանան, և երբ արմունկով մեզ հրի, Ջիմը պետք է ամենից առաջ դուրս գա, իսկ ինքը ամենից վերջը։ Ականջը ճեղքին դրած՝լսեց։ Ամբողջ ժամանակ դրսում ոտնաձայները չէին դադարում։ Վերջապես նա արմունկով հրեց, և մենք դուրս թռանք։ Կուչ եկած և շնչներս պահած՝ գաղտագողի սահեցինք դեպի ցանկապատն ու տեղ հասանք բարեհաջող կերպով։ Ես ու Ջիմն արդեն բարձրացել էինք պատի վրա, բայց Թոմի անդրավարտիքը դեմ առավ ցանկապատի վերին ձողին։ Լսեցինք մեզ մոտեցող ոտնաձայն։ Թոմն ստիպված քաշեց անդրավարտիքը։ Ձողը ջարդվեց, և ճռռոց լսվեց։ Երբ Թոմն արդեն թռել էր ցած և հետևում էր մեզ, մեկը կանչեց․
 
― Այդ ո՞վ է։ Պատասխանիր, թե չէ կկրակեմ։
 
Բայց մենք չպատասխանեցինք և ամբողջ ուժով փախանք։ Ամբողջ բազմությունը ընկավ մեր ետևից․․․ Բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ Գնդակները վզզալով սուրում էին մեր շուրջը։ Մենք լսում էինք մարդկանց գոռոցները։
 
― Ահա, այստեղ են, փախչում են դեպի գետը։ Նրանց ետևի՜ց, տղե՛րք, բա՛ց թողեք շները։
 
Նրանք ամբողջ թափով ընկան մեր ետևից։ Լսում էինք ոտքերի դոփյուն և գոռոցներ։ Բայց մենք ո՛չ կոշիկներ ունեինք մեր ոտքերին, ո՛լ էլ ձայն էինք հանում։ Մենք բռնեցինք սղոցարան տանող ճանապարհը։ Երբ նրանք բավական մոտեցան մեզ, թաքնվեցինք մացառների մեջ և թողեցինք, որ առաջ անցնեն։ Հետո վազեցինք նրանց ետևից։ Սկզբում նրանք բոլոր շները կապել էին, որպեսզի ավազակներին չվախեցնեն։ Բայց այժմ ինչ֊որ մեկն արձակել էր, և դրանք վազում էին ամբոխի ետևից ու այնպես էին հաչում, կարծեք մեկ միլիոն շուն կար։ Բայց դրանք մեր շներն էին, և մենք կանգ առանք ճանապարհին, մինչև հասան մեզ։ Երբ տեսան, որ միայն մենք ենք, և իրենց հուզմունք պատճառող բան չկա, բարեկամաբար շարժեցին պոչերն ու շարունակեցին ճանապարհը դեպի գոռոցն ու ճիչը։ Մենք նորից առաջ շարժվեցինք, մինչև հասանք սղոցարանի մոտերքը, ապա շուռ եկանք և թփուտների միջով հասանք այնտեղ, ուր թաքցրել էի մակույկս։ Արագ ներս ցատկեցինք և ամբողջ ուժով թիավարեցինք դեպի գետի մեջտեղը։ Դարձյալ ոչ մի ձայն չէինք հանում։ Հանգիստ շուռ եկանք դեպի այն կղզին, ուր թաքցրել էի իմ լաստը։ Երկար ժամանակ լսվում էր շների հաչոցը, որոնք գետափի երկարությամբ վեր֊վար էին վազում։ Շուտով այնքան հեռացանք, որ ձայները նվազեցին ու լռեցին։ Երբ ոտք դրինք լաստի վրա, ես ասացի․
 
― Այժմ, ծերունի Ջիմ, դու նորից ազատ մարդ ես, և այլևս ստրուկ չես լինի։
 
― Եվ որքա՜ն լավ էր սարքված, Հեք․ գեղեցիկ էր ծրագրված, գեղեցիկ էլ իրագործվեց։ Ոչ ոք չի կարող այդպիսի ծրագիր կազմել, որ այդքան բարդ լինի և այդպես փառավոր իրագործվի, ինչպես այս մեկը։
 
Մենք բոլորս շատ ուրախ էինք, բայց ամենից շատ Թոմն էր ուրախացել, որովհետև մի գնդակ խրվել էր նրա ծնկից ներքև, փափուկ մսի մեջ։ Երբ ես ու Ջիմը լսեցինք այդ, մեր ցնծությունը նվազեց։ Վերքը բավական նեղացնում էր նրան և արյուն էր հոսում։ Նրան պառկեցրինք լաստի տաղավարում և պատռեցինք դքսի շապիկներից մեկը վերքը կապելու համար։ Բայց Թոմն ասաց․
 
― Լաթի կտոր տվեք։ Ես ինքս կկապեմ։ Կանգ մի՛ առեք։ Իզուր ժամանակ մի՛ կորցրեք։ Փախուստը կատարվում է այսքա՜ն գեղեցիկ։ Լաստն արձակեք և ուժ տվեք թիերին։ Տղերք, մենք այս գործը հիանալի՜ գլուխ բերինք, հիանալի՜։ Ես կուզեի, որ Լյուդովիկոս XVI֊ը մեր ձեռքն ընկներ։ Այդ դեպքում նրա կենսագրության մեջ չէին գրի․ «Սուրբ Լյուդովիկոսի որդին երկինք համբարձվեց»։ Ո՛չ սըր, մենք նրան արտասահման կուղարկեինք։ Ահա թե ինչ կանեինք, և այն էլ ինչ ճարպկությամբ։ Ո՛ւժ տվեք թիերին, ո՛ւժ տվեք։
 
Բայց Ջիմն ու ես խորհրդակցում էինք ու մտածում։ Մեկ րոպե մտածելուց հետո ես ասացի․
 
― Խոսիր, Ջիմ։
 
Նա ասաց․
 
― Ասեմ, թե ինչ եմ մտածում, Հեք։ Եթե ազատվողը Թոմը լիներ, և մեզանից մեկը վիրավորված, մի՞թե նա կասեր, «Շարունակեք և փրկեցեք ինձ, վիրավորվածին փրկելու համար բժիշկ կանչելու կարիք չկա»։ Մի՞թե դա նման կլինի միստր Թոմ Սոյերին։ Այդպիսի բան նա կասե՞ր։ Կարող եմ գրազ գալ, որ չէր ասի։ Ուրեմն՝ Ջիմը կասի՞։ Ոչ, սըր, ես ոչ մի քայլ չեմ անի, մինչև այստեղ բժիշկ չգա, թեկուզ քառասուն տարի անցնի։
 
Ես գիտեի, որ նա հոգով սպիտակամորթ է և սպասում էի, որ կասի այն, ինչ ասաց։ Այժմ ամեն ինչ կարգին էր։ Ես Թոմին ասացի, որ գնում եմ բժիշկ հրավիրելու։ Նա մեծ աղմուկ բարձրացրեց, չէր համաձայնում, բայց ես ու Ջիմը համառեցինք, չուզեցինք տեղից շարժվել։ Թոմը դուրս սողաց և ինքն սկսեց լաստն արձակել։ Բայց մենք թույլ չտվեցինք։ Նա հանդիմանեց մեզ, բայց դա էլ չօգնեց։
 
Երբ տեսավ, որ ես պատրաստում եմ մակույկը, ասաց․
 
― Լավ, եթե ուզում ես անպայման գնալ, ես կասեմ, թե ինչպես ես վարվելու, երգ գյուղ հասնես։ Դուռը կփակես, բժշկի աչքերը լավ կկապես և երդվել կտաս, որ լուռ կմնա, ինչպես գերեզմանը։ Նրա ձեռքը կդնես մի քսակ ոսկի և ապա մթնով կառաջնորդես նրան խուլ նրբանցքներով։ Կբերես այստեղ նավակով և անուղղակի ճանապարհներով՝ պտտեցնելով կղզիների մեջ․ կխուզարկես, մոտից կվերցնես կավիճը և ետ չես տա, մինչև նրան նորից չվերադարձնես գյուղ, այլապես նա լաստի վրա նշան կանի և հետո կարող է նորից գտնել։ Բոլորն այդպես են անում։
 
Ես խոստացա այդպես անել ու հեռացա։ Ջիմը պետք է թաքնվեր անտառում, երբ նկատեր բժշկի գալը, և մնար այնտեղ, մինչև նա գնար։
 
 
==Գլուխ քառասունմեկերորդ==
 
 
Բժիշկը, որին ես հանեցի անկողնուց, հաճելի, բարի դեմքով մի ծերուկ էր։ Ասացի, որ ես ու եղբայրս երեկ կեսօրից հետո իսպանական կղզում որս էինք անում և գիշերելու համար իջանք մեր գտած մի լաստի բեկորի վրա։ Կեսգիշերին պետք է որ եղբայրս երազում ոտքով խփած լինի հրացանին։ Լսվեց կրակոց, և գնդակը կպավ նրա ոտքին։ Խնդրում ենք, որ բժիշկը գա, կապի վերքը և այդ մասին ոչ ոքի ոչինչ չասի, ոչ էլ այնպես անի, որ որևէ մեկն իմանա․ ուզում ենք այս երեկո վերադառնալ տուն և տնեցիներին անակնկալի բերել։
 
― Ովքե՞ր են ձեր տնեցիները, ― հարցրեց նա։
 
― Ֆելփսերը, այնտեղ, ագարակում։
 
― Օ՜, ― ասաց նա և մի րոպե հետո ավելացրեց․ ― Ասում ե ք՝ ինչպե՞ս է վիրավորվել։
 
― Երազ է տեսել, և դա է եղել վիրավորվելու պատճառը։
 
― Տարօրինակ երազ է, ― նկատեց նա։
 
Նա վառեց լապտերը, վերցրեց գործիքների պայուսակը, և ճանապարհ ընկանք։ Բայց երբ տեսավ մակույկը, դա նրան դուր չեկավ։ Ասաց, որ մի մարդու համար՝ ոչինչ։ Իսկ երկու հոգու համար ապահով չէ։ Ես ասացի․
 
― Վախենալու կարիք չկա, սըր, սրանով շատ հանգիստ նավարկել ենք երեքով։
 
― Երեքո՞վ։
 
― Դեհ, ես, Սիդը և․․․ և․․․ հրացանները։ Երրորդ ասելով նկատի ունեի հրացանները։
 
― Ա՜խ, այդպե՜ս, ― ասաց նա։
 
Նա ոտքը դրեց մակույկի եզրին, օրորեց այն և շարժեց գլուխը, ասելով, որ ինքը կաշխատի ավելի մեծը ճարել։ Բայց բոլոր նավակները շղթայով կապած ու կողպած էին։ Նա նստեց իմ մակույկը և ասաց, որ սպասեմ, մինչև ինքը վերադառնա լաստից, կամ գուցե կարողանամ ավելի մեծը ճարել, թերևս ավելի լավ է՝ գնամ տուն և տնեցիներին նախապատրաստեմ անակնկալին, եթե ուզում եմ։ Բայց ես ասացի, որ այդպես չեմ ուզում․ բացատրեցի, թե ինչպես գտնել լաստը, և նա գնաց։
 
Շուտով գլխումս մի միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի․ կարո՞ղ է Թոմի ոտքը կարգի բերել այնքան արագ, որ, ինչպես ասում են, ոչխարը երեք անգամ էլ դմակը չշարժի։ Իսկ եթե դա տևի երեք֊չորս օր, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ Թոմն այդպես վայր է ընկնելու լաստի վրա, մինչև բժիշկը ամենուրեք տարածի՞ այդ լուրը։ Ոչ, դա անկարելի բան է։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Կսպասեմ, և երբ նա վերադառնա, ու ասի, թե ինքը մեկ էլ է այցելելու հիվանդին, այդ դեպքում ես էլ կգնամ հետը թեկուզ լող տալով։ Մենք կբռնենք նրան, կկապենք և մեզ հետ կտանենք գետով ներքև։ Երբ Թոմն այլևս նրա կարիքը չի ունենա, մենք կվճարենք և կթողնեք, որ ափ դուրս գա։
 
Ես սողացի փայտի դեզի մեջ փոքր֊ինչ քնելու։ Երբ արթնացա, արեգակը բարձրացել էր իմ գլխավերևը։ Ես վեր թռա և գնացի բժշկի տունը, բայց այնտեղ ինձ ասացին, որ նա գիշերը գնացել է հիվանդի մոտ և դեռ չի վերադարձել։ «Է՜հ, մտածեցի ես, դա ցույց է տալիս, որ Թոմի դրությունը լավ չէ։ Պետք է անմիջապես գնամ կղզին»։ Ես դուրս թռա, շուռ եկա փողոցի անկյունը, և գլուխս այնպես դիպավ հորեղբայր Սայլասի փորին, ինչպես խոյն է հարվածում։
 
― Թոմ, որտե՞ղ էիր այսքան ժամանակ, անպիտան։
 
― Ոչ մի տեղ, ― ասացի ես, ― ես ու Սիդն ընկել էինք փախստական նեգրի հետևից։
 
― Բայց որտե՞ղ էիք։ Ձեր մորաքույրը շատ անհանգիստ է, ― ասաց նա։
 
― Անհանգստանալու կարիք չկա, մենք շատ լավ ենք։ Մենք հետևում էինք մարդկանց ու շներին, բայց նրանք առաջ անցան, և մենք կորցրինք նրանց։ Մեզ թվաց, թե նրանց ձայնը լսում ենք գետի վրայից։ Մի մակույկ վարձեցինք ու հետևեցինք նրանց, անցանք գետը, բայց ոչ ոքի չգտանք։ Թիավարեցինք գետի ընթացքով վեր։ Այնքան հոգնեցինք ու ջարդվեցինք, որ մակույկը կապեցինք ու քնեցինք։ Արթնացանք միայն մեկ ժամ առաջ։ Ապա թիավարեցինք այս կողմ՝ լսելու, թե ինչ նորություն կա։ Սիդը գնաց փոստի գրասենյակը իմանալու, թե ինչ կա, ես էլ դուրս եկա, որ ուտելու բան ճարեմ։ Հետո գալու էինք տուն։
 
Գնացինք փոստի գրասենյակը «Սիդին» գտնելու, բայց, իհարկե, նա այնտեղ չէր։ Ծերունին մի նամակ ստացավ, և մենք մի փոքր սպասեցինք։ Բայց Սիդը չեկավ։ Այն ժամանակ ծերունին ասաց․ «Գնանք տուն, թող Սիդը ոտքով կամ նավակով գա, երբ կվերջացնի աննպատակ թափառելը, մենք ձիով կգնանք»։ Ես չկարողացա համոզել, որ մնամ ու սպասեմ Սիդին։ Նա ասաց, թե միտք չունի սպասել։ Պետք է իր հետ տուն գնամ, որպեսզի մորաքույր Սալլին տեսնի, որ մեզ ոչինչ չի պատահել։
 
Երբ տուն հասանք, մորաքույր Սալլին այնքան ուրախացավ, որ միաժամանակ և՛ ծիծաղում էր, և՛ արտասվում։ Նա ինձ գրկեց և մի թեթև ծեծ տվեց, որը ցավ էլ չպատճառեց։ Ասաց, որ նույնը կստանա նաև Սիդը, երբ վերադառնա։
 
Տունը լցված էր ագարակատերերով ու նրանց կանանցով։ Եկել էին ճաշի։ Ես այդպիսի աղմուկ ու շաղակրատանք կյանում երբեք չէի լսել։ Ամենավատը պառավ միսիս Հոչկինսն էր։ Այդ կնոջ լեզուն ոչ մի րոպե կանգ չէր առնում։ Նա ասում էր․
 
― Լավ, Ֆելփս քույրիկ, ես նայեցի հյուղակի բոլոր ծակուծուկը։ Իմ կարծիքով այդ նեգրը խելագար է եղել։ Այդպես էլ ասացի Դամբել քույրիկին։ Չասացի՞, Դամբել քույրիկ։ Խելագար է, այդպես էլ ասացի, հենց այդ բառերով։ Դուք բոլորդ լսեցիք, թե ինչ ասացի։ Այդ նեգրը խելագար է։ Ամեն ինչ այդ է ցույց տալիս։ Նայեցեք այդ ջրաղացքարին։ Կարիք չկա ասելու, որ առողջ մտքի տեր ոչ մի մարդ չի կարող ճանկռոտել այսպիսի մի ջրաղացքար և վրան այսքան ապուշ բաներ փորել, թե այստեղ փշրվել է նրա սիրտը, թե այստեղ նա ժրաջան աշխատել է երեսունյոթ տարի, որ իբր թե ինչ֊որ Լյուդովիկոսի ապօրինի զավակն է և նման անվերջ անհեթեթություններ։ Ես ասում եմ, որ այդ նեգրը կատարյալ խելագար է։ Ասել եմ սկզբում, նորից եմ ասել, նույնն ասում եմ այժմ և կասեմ հետագայում․ նա կատարյալ Նաբուգոդոնասոր<ref>Բաբելոնի թագավոր։</ref> է։
 
― Ապա նայեցեք շորից պատրաստած սանդուղքին, Հոչքինս քույրիկ, ― մեջ ընկավ պառավ միսիս Դառնելը, ― բարի եղեք ասելու, թե ինչի՞ համար է նա դա պատրաստել։
 
― Նույն բառերը հենց նոր ասացի Օթթերբեք քույրիկին։ Նա ինքը ձեզ կասի։ «Նայեցեք այդ շորե սանդուղքին, ― ասաց նա, ― ես ասացի, այո, բայց դա նրա ինչի՞ն է պետք»։ Օթթերբեք քույրիկն էլ թե․
 
― Բայց այդ ջրաղացքարն ինչպե՞ս այդտեղ ընկավ, և ո՞վ փորեց այդ ստորերկրյա անցքը, ո՞վ․․․
 
― Հենց իմ խոսքերն են դրանք, եղբայր Փենրոթ․․․ Մեղրաջրի ամանն այս կողմը բերեք։ Հենց նոր Դընլեփ քույրիկին ասացի․ «Ինչպե՞ս այդ ջրաղացքարը տարան այնտեղ, առանց դրսի օգնության։ Ա՛յ թե որտեղ է գաղտնիքը։ Է՛լ մի ասեք։ Օգնել են, մեծ չափով օգնել, մի տասնյակ մարդ օգնել է այդ նեգրին։ Ես այստեղ մինչև վերջի նեգրի կաշին կքերթեի, մինչև պարզեի, թե ո՛վ է օգնել։
 
― Ասում եք՝ մի տասնյակ։ Քառասուն մարդ էլ չէին կարող անել այդ ամենը, որ կատարված է այստեղ։ Նայեցեք այդ դանակից շինած սղոցին ու մյուս բաներին։ Ի՞նչ տաղտկալի գործ, ինչպիսի՜ համբերությամբ է այդ բոլորն արված։ Նայեցեք մահճակալի սղոցած ոտքին, վեց մարդ մեկ շաբաթում հազիվ անի։ Նայեցեք մահճակալի վրա ծղոտից պատրաստած նեգրին և նայեցեք․․․
 
― Լավ եք ասում, եղբայր Հայթաուեր, նույնը ես ասացի եղբայր Ֆելփսին անձամբ։ Նա ասում է․ «Ի՞նչ եք մտածում այդ մասին, Հոչքինս, քույրիկ», ― ինչի՞ մասին, եղբայր Ֆելփս», ― ասում եմ ես։ «Մահճակալի ոտքն այդ ձևով սղոցելու մասին»։ Ի՞նչ եմ մտածում։ Ասում եմ, թե ոտքն ինքն իրեն չի սղոցվել, մեկը սղոցել է։ Իմ կարծիքն այդ է։ Կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք, իմ կարծիքն այդ է։ Եթե մի ուրիշն այլ կերպ է մտածում, դա նրա գործն է։ Ուրիշ ոչինչ։ Դըլնեփ քույրիկին ասում էի․․․
 
― Ա՜խ, այդ նեգրերը․․․ Պետք է որ չորս շաբաթ ամեն գիշեր մի տուն լիքը նեգրեր հավաքված լինեին այնտեղ, որպեսզի կատարեին այդ ամբողջ աշխատանքը, Ֆելփս քույրիկ։ Նայեցեք այդ շապկին, դրա յուրաքանչյուր մատնաչափը ծածկված է աֆրիկյան գաղտնի գրերով և գրված է արյամբ։ Պետք է որ այստեղ աշխատած լինի մի մեծ խումբ, և այն էլ գրեթե ամբողջ ժամանակ։ Ես ուրախությամբ երկու դոլար կտայի, եթե մեկն այդ կարդար ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է այն նեգրերին, որ գրել են դա, ես կվերցնեի ու այնքան կմտրակեի, մինչև․․․
 
― Ասում եք, որ նրան օգնել են, եղբայր Մափլզ։ Կարծում եմ, այդպես էլ կկարծեիք, եթե այն ժամանակ այս տանը լինեիք։ Նրանք գողացել են այն ամենը, ինչ ձեռքներն է ընկել, իսկ մենք էլ ամբողջ ժամանակ հսկել ենք, լսո՞ւմ եք։ Նրանք հենց այս շապիկը թռցրել են պարանի վրայից։ Իսկ ինչ վերաբերում է սավանին, որից սանդուղք են շինել, չեմ կարող ասել, թե քանի անգամ են թռցրել։ Նույնը կարելի է ասել ալյուրի, մոմերի, մոմակալների, գդալների, հին տապակի և հազար ու մի բաների մասին, այն ժամանակ, երբ ես, Սայլասը, իմ Սիդն ու Թոմը գիշեր֊ցերեկ հսկել ենք, ինչպես ասացի քիչ առաջ, և մեզանից ոչ մեկը չի կարողացել ո՛չ նրանց մաշկը բռնել, ո՛չ էլ մաղը, ո՛չ էլ տեսել է կամ լսել նրանց ձայնը։ Եվ ահա, վերջին րոպեին, լսո՞ւմ եք, նրանք փախչում են մեր քթի տակից, հիմարացնում են մեզ, և ոչ միայն մեզ, այլև հնդկական տերիտորիայից եկած ավազակների մի ամբողջ խմբի և ապահով փախչում նեգրի հետ, այն էլ այն ժամանակ, երբ նրանց կրնկակոխ հետապնդում էին տասնվեց տղամարդ և քսան շուն։ Ասում եմ, որ ես մինչև օրս ոչ մի բան ո՛չ տեսել էի, ո՛չ լսել։ Ոգիները չէին կարող ավելի լավ և ավելի սրամիտ ձևով կատարել։ Եվ ես կարծում եմ, որ դրանք պետք է ոգիներ լինեին։ Դե դուք գիտեք, թե ինչ շներ ունենք։ Ոչ ոք ավելի լավ շուն չունի։ Բայց թե շները չկարողացան գտնել նրանց հետքը։ Դե՛հ, ձեզնից մեկը թող ինձ բացատրի այս բանը։
 
― Այո, դա․․․
 
― Աստվա՜ծ իմ, ես երբեք․․․
 
― Տե՜ր ողորմյա, ես չէի ուզում․․․
 
― Տնային գողեր, ինչպես և․․․
 
― Ի սեր աստծո․ ես կվախենայի ապրել այս տանը։
 
― Կվախենայինք։ Այո, այնպես էի ահաբեկվել, որ չէի կարողանում անկողին մտնել կամ վեր կենալ, նստել, պառկել, Ռիջուեյ քույրիկ։ Ինչպե՞ս չեն գողացել հենց․․․ Աստվա՜ծ իմ, երևակայեցեք, թե ինչպես հուզվեցի, երբ երեկ կեսգիշերը մոտենում էր։ Վախենում էի, թե ընտանիքի անդամներից մեկին կգողանան։ Այնտեղ էի հասել, որ համարյա կորցրել էի դատողությունս։ Այժմ, երբ ցերեկ է, դա հիմարություն է թվում։ Մտածում էի, որ իմ խեղճ երկու տղաները քնած են վերևում, երկուսով, առանձին սենյակում։ Աստված վկա, այնքան անհանգիստ էի, որ բարձրացա վեր ու դուռը կողպեցի նրանց վրա։ Այո, կողպեցի։ Ով իմ տեղը լիներ, այդպես կաներ։ Դե, գիտեք, երբ մարդ այդպես վախեցած է լինում և վախն էլ շարունակվում և ավելի ու ավելի խորանում է, գլխում ամեն ինչ խառնվում է։ Նա արդեն ամեն տեսակի տխմարությունների դիմում է, մտածելով, թե ինչպե՞ս կլիներ, եթե ինքն էլ մի տղա լիներ, վերևում մենակ քնած, դուռն էլ բաց։
 
Նա կանգ առավ, ինչ֊որ բանի մասին մտածելով, ապա դանդաղ պտտեցրեց գլուխը, և երբ աչքերը հանդիպեցին իմ աչքերին, ես վեր թռա ու գնացի զբոսնելու։ Զբոսանքի ժամանակ ինքս ինձ ասում էի, որ կարող եմ բացատրել, թե ինչու առավոտյան սենյակում չէինք, եթե առանձնանամ ու մի փոքր մտածեմ այդ հարցի մասին։ Այդպես էլ արեցի։ Բայց հեռու չգնացի, որովհետև կարող էին մեկին ուղարկել ինձ որոնելու։ Երբ կեսօրն անցել էր, և բոլորը գնացել էին, ես եկա ու պատմեցի, որ իբր աղմուկն ու կրակոցները ինձ ու «Սիդին» արթնացրին։ Դուռը փակ էր, իսկ մենք ուզում էինք տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Վայր իջանք շանթագրելի ձողով։ Երկուսս էլ մի քիչ վնասվեցինք և որոշեցինք այլևս փորձ չանել դրանով իջնել։ Այնուհետև ես շարունակեցի պատմել այն, ինչ արդեն ասել էի հորեղբայր Սայլասին։ Մորաքույր Սալլին, լսելով պատմությունս, ասաց, որ ներում է մեզ և գուցե բոլոր դեպքերում էլ դա ճիշտ է․ մոտավորապես վարվել ենք այնպես, ինչպես կարելի էր սպասել տղաներից։ Չէ՞ որ բոլոր տղաները, որքան ինքը գիտե, որոշ չափով թեթևսոլիկ են։ Եվ քանի որ մեր գլխին փորձանք չէր եկել և ինքը մեզանից չէր զրկվել, ուրեմն՝ պետք է գոհություն հայտներ աստծուն, և ոչ թե հուզվեր ու բարկանար անցած֊գնացածի պատճառով։ Նա համբուրեց ինձ, շոյեց գլուխս և տարվեց ինչ֊որ մռայլ մտածմունքներով։ Շուտով վեր թռավ ու ասաց․
 
― Տե՜ր աստված, մութն ընկնում է, և Սիդը դեռ չի եկել։ Ի՞նչ պատահեց այդ տղային։
 
Ես տեսա, որ ծլկելու առիթը եկել է, ուստի վեր ցատկեցի ու ասացի․
 
― Վազեմ քաղաք և գտնեմ նրան, մորաքույր։
 
― Ոչ, մի՛ գնա, տեղումդ մնա, մեկի կորուստն էլ բավական է։ Եթե ընթրիքին տանը չեղավ, Սայլասը կգնա։
 
Ընթրիքին Թոմը, իհարկե, չեկավ։ Ընթրիքից անմիջապես հետո հորեղբայրը գնաց։
 
Նա վերադարձավ ժամը տասի մոտ՝ մի փոքր անհանգիստ։ Նա Թոմի հետքն էլ չէր գտել։ Մորաքույր Սալլին շատ անհանգստացավ, բայց հորեղբայր Սայլասն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա․ «Տղան տղա պիտի լինի, և կտեսնես, որ առավոտյան կերևա, ողջ և առողջ»։ Մորաքույրը ստիպված էր դրանով բավականանալ, բայց ասաց, որ քիչ էլ կսպասի և լույսը վառ կթողնի, որ տղան նկատի։
 
Այնուհետև, երբ ես գնացի քնելու, նա ինձ հետ բարձրացավ վեր և վերցրեց մոմը, լավ ծածկեց ինձ վերմակով և այնպես մայրաբար փայփայեց, որ ես ինձ զգացի մի տեսակ նվաստացած և չէի կարողանում նայել նրա դեմքին։ Մորաքույրը նստեց մահճակալի ծայրին և երկար խոսեց ինձ հետ, ասելով, թե ինչ սքանչելի տղա է Սիդը։ Սիդի մասին խոսելուց չէր կշտանում։ Շուտ֊շուտ հարցնում էր, թե, իմ կարծիքով, կարո՞ղ է նա կորած կամ վնասված, գուցեև խեղդված լինել։ Գուցեև այժմ մի տեղ ընկած տառապում է կամ արդեն մեռած է, և ինքը նրա կողքին չէ, չի կարող օգնել։ Արցունքները լուռ գլորվում էին նրա աչքերից։ Ես պատասխանում էի, որ Սիդին ոչինչ պատահած չի լինի, որ նա, անկասկած, առավոտյան տանը կլինի։ Մորաքույրն այս բառերը լսելիս սեղմում էր ձեռքս կամ համբուրում ու ասում, որ կրկնեմ այդ խոսքերը։ Դրանք հանգստացնում էին նրան, իսկ նա այնքա՜ն անհանգիստ էր։ Հեռանալիս մորաքույրը նայեց աչքերիս, այնպե՜ս անթարթ ու քնքուշ, և ասաց․
 
― Դուռը չեմ փակի, Թոմ։ Ահա պատուհանը, շանթարգելը, բայց դու խելոք տղա կլինես, չէ՞, չես գնա, ի սեր ինձ։
 
Սակայն ես շատ էի ուզում գնալ․ ուզում էի իմանալ, թե ինչպես է Թոմը։ Մտադիր էի անպայման գնալ։ Դրանից հետո չէի գնա, թեկուզ մի ամբողջ թագավորություն տային։
 
Մորաքույր Սալլին մտքիցս չէր հեռանում, Թոմը՝ նույնպես։ Ես շատ անհանգիստ քնեցի։ Գիշերը երկու անգամ շանթարգելով իջա ներքև, շրջեցի տան չորս կողմը և տեսա մորաքրոջը՝ պատուհանի մոտ, մոմի առջև նստած, արտասվալի աչքերը ճանապարհին ուղղած։ Ես ուզում էի նրա համար մի բան արած լինել, բայց չէի կարող։ Ես կարող էի միայն երդվել, թե այլևս չեմ անի այնպիսի բան, որը նրան վշտացնի։ Երրորդ անգամ արթնացա լուսադեմին և սահեցի ներքև։ Մորաքույրը դեռ այնտեղ էր։ Մոմը գրեթե սպառվել էր, և նրա ալեհեր գլուխը հանգչում էր ձեռքերի վրա։ Քնել էր։
 
 
==Գլուխ քառասուներկուերորդ==
 
Ծերունին ճաշից առաջ նորից գնաց քաղաք, բայց Թոմի վերաբերյալ ոչինչ չէր իմացել։ Նրանք երկուսն էլ սեղանի առջև նստած՝ լուռ մտածում էին, ոչ ուտում էին, ոչ խմում։ Վերջապես ծերունին ասաց․
 
― Քեզ տվեցի՞ նամակը։
 
― Ի՞նչ նամակ։
 
― Այն, որ երեկ փոստի գրասենյակից ստացա։
 
― Ոչ, ինձ նամակ չես տվել։
 
― Ուրեմն՝ մոռացել եմ։
 
Նա որոնեց գրպաններում և ապա գնաց ինչ֊որ տեղ, ուր դրել էր նամակը, բերեց այն ու տվեց կնոջը։ Կինն ասաց․
 
― Օ՜, Սանկտ֊Պետերբուրգից է, քրոջիցս։
 
Ես մտածում էի, թե վատ չի լինի՝ մեկ էլ զբոսնելու գնալ, բայց չկարողացա տեղիցս շարժվել։ Նամակը դեռ չբացած, մորաքույրն այն վայր գցեց ու վազեց դուրս․ պատուհանից ինչ֊որ բան էր տեսել։ Ես հետևեցի նրան։ Դա Թոմ Սոյերն էր՝ ներքնակի վրա պառկած։ Տեսա և ծեր բժշկին։ Նրանց հետ էր Ջիմը՝ մորաքույր Սալլիի չթե զգեստը հագած, ձեռքերը մեջքին կապած։ Գալիս էր նաև մի հոծ բազմություն։ Ես նամակը թաքցրի առաջին պատահած իրի տակ ու դուրս վազեցի։ Մորաքույր Սալլին, լաց լինելով, նետվեց Թոմի կողմը։
 
― Օ՜, մեռել է, մեռե՜լ, գիտեմ, մեռե՜լ է։
 
Թոմը մի փոքր շուռ տվեց գլուխը և ինչ֊որ անկապ բառեր մրմնջաց։ Դա ցույց էր տալիս, որ նա նորմալ վիճակում չէ։ Մորաքույրը բարձրացրեց ձեռքերն ու ասաց․
 
― Կենդանի է, փա՜ռք աստծո։ Այդքանը բավական է։
 
Նա համբուրեց Թոմին ու վազեց տուն՝ անկողին պատրաստելու, յուրաքանչյուր քայլափոխում նեգրերին ու բոլորին աջ ու ձախ արագ֊արագ հրամաններ տալու, որքան լեզուն կարող էր պտտվել բերանում։
 
Ես հետևում էի մարդկանց, տեսնելու, թե ինչ են անելու Ջիմին։ Ծեր բժիշկն ու հորեղբայր Սայլասը հետևեցին Թոմին, երբ նրան տարան ներս։ Մարդիկ չափազանց զայրացած էին։ Մի քանիսն ուզում էին կախել Ջիմին՝ որպես օրինակ տեղի նեգրերի համար, որպեսզի նրանք փախչելու փորձ չանեն, ինչպես արել էր Ջիմը, առաջացնելով այդքան իրարանցում և մի ամբողջ ընտանիք գիշեր֊ցերեկ պահելով սարսափի մեջ։ Մի քանիսն էլ ասում էին, թե չպետք է կախել, դա բոլորովին էլ նպատակահարմար չէ․ նա իրենց նեգրը չէ, և տերը կարող է ներկայանալ ու, անկասկած, ստիպել, որ իրենք վճարեն նրա համար։ Դա մասամբ մեղմեց նրանց զայրույթը, որովեհետև այն մարդիկ են միշտ ամենից շատ ուզում օրինազանց նեգրին կախել, որոնք ամենից քիչ ցանկություն ունեն այդ հաճույքը ստանալուց հետո վճարել նրա համար։ Նրանք շատ էին հայհոյում Ջիմին և հաճախ մեկ֊երկու հարված հասցնում գլխին, բայց Ջիմը ոչինչ չէր ասում։ Ցույց էլ չտվեց, թե ինձ ճանաչում է։ Նրան տարան նույն հյուղակը, հագցրին իր շորերը, նորից կապեցին շղթայով և այս անգամ ոչ թե մահճակալի ոտից, այլ մի մեծ սյունից, շղթայեցին նաև ձեռքերն ու երկու ոտքերը։ Ասացին, որ բացի հացից ու ջրից ոչինչ չի ստանա, մինչև տերը գա, կամ իրեն վաճառեն աճուրդով, եթե տերը որոշակի ժամանակից հետո չգա։ Ապա լցրին մեր փորած անցքը և ասացին, որ յուրաքանչյուր գիշեր երկու ագարակատեր հրացաններով պահակություն են անելու հյուղակի մոտ, իսկ ցերեկը դռան առաջ կապելու են մի բուլդոգ։ Երբ վերջացրին ամեն ինչ և հեռանում էին հրաժեշտի ընդհանուր հայհոյանքներով, ծեր բժիշկը մոտեցավ նրանց, նայեց այդ տեսարանին ու ասաց․
 
― Այդքան խիստ մի՛ վարվեք նրա հետ։ Նա վատ նեգր չէ։ Երբ ես հասա այնտեղ, որտեղ գտա տղային, տեսա, որ չեմ կարող գնդակը հանել առանց մեկի օգնության։ Իսկ տղան այնպիսի վիճակում էր, որ չէի կարող գնալ և մեկին օգնության կանչել։ Նրա դրությունը ավելի ու ավելի վատանում էր։ Երկար ժամանակ նա զառանցեց և այլևս թույլ չէր տալիս, որ մոտենամ։ Ասում էր, որ եթե կավճով նախշեմ իր լաստը, կսպանի ինձ։ Մի խոսքով, անմիտ֊անմիտ զառանցում էր։ Տեսա, որ մենակ ոչինչ չեմ կարող անել, ասացի, որ պետք է մի կերպ օգնող ճարեմ։ Հենց որ արտասանեցի այս բառերը, ինչ֊որ տեղից դուրս սողաց նեգրը և ասաց, որ ինքը կօգնի։ Եվ իսկապես օգնեց, այն էլ շատ լավ։ Ես, իհարկե, ենթադրեցի, որ նա փախած նեգր է և ստիպված եղա օրվա մնացած մասն ու ամբողջ գիշերը մեխվել այնտեղ։ Ինչպիսի՜ դժվար կացություն։ Քաղաքում տենդով բռնված երկու հիվանդ ունեի, և, իհարկե, կուզենայի շտապ վերադառնալ, տեսնել նրանց, բայց չեկա, որովհետև նեգրը կարող էր փախչել, և ինձ կմեղադրեին դրա համար, իսկ գետի վրա ոչ մի նավակ այնքան մոտ չեկավ, որ կանչեի։ Հարկ եղավ սպասել մինչև առավոտ։ Ես երբեք չեմ տեսել մի նեգրի, որը այդպես խնամեր հիվանդին ու ավելի հավատարիմ լիներ, եթե դրանով վտանգի էր ենթարկում իր ազատությունը։ Միաժամանակ ես պարզ նկատում էի, որ նա վերջին ժամանակները շատ տանջվել և կատարյալ ուժասպառ է եղել։ Դրա համար էլ ես սիրեցի այս նեգրին։ Կարող եմ ասել, ջենտլմեններ, որ այսպիսի նեգրը հազար դոլար արժե, ինչպես և արժանի է սիրալիր վերաբերմունքի։ Ինձ մոտ կար այն ամենը, ինչի կարիքն ունեի, և տղան խնամվում էր նույնքան լավ, որքան տանը, գուցեև ավելի լավ, որովհետև այնտեղ շատ խաղաղ էր։ Բայց ես մնացի այնտեղ, և երկուսն էլ իմ հսկողության տակ էին։ Սպասեցի գրեթե մինչև լուսաբաց։ Մեր մոտով անցավ մի նավակ։ Մեջը մի քանի մարդ կար։ Բարեբախտաբար, նեգրն այդ պահին նստած էր հարդանկողնու վրա, գլուխն իջեցրած ծնկներին ու խորը քնած։ Ես կամացուկ նշան արի նրանց, և նրանք աննկատ վրա պրծան, ամուր բռնեցին ու կապեցին, նախքան նա իմացավ, թե ինչ է տեղի ունենում, և մենք ոչ մի նեղություն չկրեցինք։ Տղան նույնպես քնած էր, թեև անհանգիստ։ Թիակները փաթաթեցինք շորով՝ ձայնը խլացնելու համար, լաստը կապեցինք նավակից և կամաց քաշեցինք դեպի քաղաք։ Նեգրը սկզբից մինչև վերջ ոչ մի բառ չարտասանեց և բոլորովին չդիմադրեց։ Նա վատ նեգր չէ, ջենտլմեններ, իմ կարծիքը նրա մասին այդ է։
 
Մեկն ասաց․
 
― Այո, պետք է ասել, որ այդ բոլորը շատ դուրեկան բաներ են։
 
Այնուհետև մյուսներն էլ մասամբ մեղմացան, և ես շատ շնորհապարտ մնացի այդ ծեր բժշկին Ջիմի մասին այդպես բարեխոսելու համար։ Ուրախ էի, որ բժշկի ասածները չէին տարբերվում Ջիմի մասին իմ ունեցած կարծիքից։ Ես միշտ էլ մտածել եմ, որ նա բարի սիրտ ունի։ Առաջին իսկ հանդիպումից նա ինձ վրա լավ մարդու տպավորություն է թողել։ Բոլորն էլ ընդունում էին, որ Ջիմը լավ է վարվել, արժանի է ուշադրության և պարգևատրման։ Բոլորը սրտանց խոստացան այլևս չհայհոյել նրան։
 
Ապա դուրս եկան հյուղակից ու փակեցին դուռը։ Ես հույս ունեի, թե շղթաներից մեկը կամ երկուսը կպակասեցնեն, որովհետև դրանք սարսափելի ծանր էին, կամ հացի ու ջրի հետ միս ու կանաչեղեն էլ կտան։ Բայց այդ մասին նրանք չմտածեցին, իսկ իմ միջամտությունը համարում էի սխալ։ Սակայն որոշեցի բժշկի պատմածները այս կամ այն ձևով հասցնել մորաքույր Սալլիին, հենց որ ազատվեի ինձ վրա խուժող ալիքներից ու ծանծաղուտ դուրս գայի, այսինքն՝ բացատրեի, թե ինչպես մոռացա հայտնել, որ Սիդը վիրավորված է, երբ, իբր թե, ես ու նա այդ ահավոր գիշերը մակույկ նստած որոնում էինք փախած նեգրին։
 
Բայց ես դրա համար շատ ժամանակ ունեի։ Մորաքույր Սալլին գիշեր֊ցերեկ չէր հեռանում հիվանդի սենյակից, և ամեն անգամ, երբ տեսնում էի հորեղբայր Սայլասին, ծլկում էի։
 
Հաջորդ առավոտյան լսեցի, որ Թոմը բավական լավացել է, և մորաքույր Սալլին գնացել է մի փոքր քնելու։ Ես ինձ գցեցի հիվանդի սենյակը, մտածելով, որ եթե նրան արթուն գտնեմ, ապա կկարողանանք մեր մեղքը քավող մի պատմություն հորինել։ Բայց նա հանգիստ քնած էր։ Դեմքը գունատ էր և այնպես չէր այրվում, ինչպես առաջին օրը, երբ բերին։ Նստեցի ու սպասեցի, մինչև արթնանար։ Մոտավորապես կես ժամ հետո մորաքույր Սալլին կամաց մտավ սենյակ, և ես նորից լուռ նստեցի ինչպես կոճղ։ Նա ձեռքի շարժումով ինձ հասկացրեց, որ ձայն չհանեմ, նստեց իմ կողքին ու սկսեց շշունջով ասել, որ մենք բոլորս այժմ կարող ենք ուրախ լինել․ բոլոր լավ նշանները կան։ Թոմը երկար ժամանակ այդպես հանգիստ քնած է և ավելի ու ավելի լավ է երևում։ Կարելի է վստահ ասել, որ կարթնանա լիովին սթափված։
 
Մենք նստած՝ դիտում էինք Թոմին։ Շուտով նա մի փոքր շարժվեց, շատ բնական ձևով բացեց աչքերը, նայեց շուրջն ու ասաց․
 
― Օ՜, տանն եմ ես։ Ինչպե՞ս եկա։ Որտե՞ղ է լաստը։
 
― Ամեն ինչ լավ է, ― ասացի ես։
 
― Իսկ Ջի՞մը։
 
― Նույնպես, ― ասացի ես, բայց ոչ հաստատ եղանակով։ Նա այդ չնկատեց ու ասաց․
 
― Լավ է, սքանչելի։ Այժմ մենք շատ լավ ենք ու ապահով։ Մորաքրեոջն ասացի՞ր։
 
Ուզում էի ասել «այո», բայց մորաքույրը մեջ ընկավ ու ասաց․
 
― Ինչի՞ մասին, Սիդ։
 
― Այն եղանակի մասին, որով կատարվեց այս ամբողջը։
 
― Ի՞նչը։
 
― Ամբողջ գործը, մեկից բացի, ուրիշ գործ չկա, պատմե՞ց, թե ինչպես փախած նեգրին ազատ արձակեցինք ես ու Թոմը։
 
― Տե՜ր աստված։ Ազատ արձակեցիք փախած․․․ Ինչի՞ մասին է այս երեխան խոսում։ Նորից զառանցում է, աստվա՜ծ իմ։
 
― Ոչ, չեմ զառանցում։ Ես հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում։ Մենք նրան ազատ արձակեցինք, ես ու Թոմը։ Մենք որոշել էինք, արեցինք և արեցինք արժանավայել ձևով։
 
Թոմն սկսեց պատմել, իսկ մորաքույրը երբեք չընդհատեց նրան։ Ամբողջ ժամանակ նստած ու աչքերը չռած, թույլ տալով, որ շարունակի։ Ես տեսնում էի, որ իմաստ չուներ մեջ ընկնել։
 
― Բայց, մորաքույր, այդ գործը մեզ վրա շատ ծանր նստեց։ Մենք աշխատեցինք շաբաթներով, ժամ առ ժամ, ամեն գիշեր, այն ժամանակ, երբ դուք բոլորդ քնած էիք։ Հարկ եղավ գողանալ մոմեր, սավան, շապիկ, ձեր զգեստը, գոգնոցներ, թիթեղյա ամաններ, սեղանի դանակներ, տապակ, ջրաղացքար, այլուր և բազմաթիվ այլ բաներ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան չարչարվեցինք սղոցներ, տապակներ, մակագրություններ ու այս կամ այն բանը պատրաստելու համար։ Կիսով չափ էլ չեք կարող պատկերացնել, թե որքան զվարճալի էր այդ։ Հարկ եղավ դագաղների ու այլ բաների նկարներ պատրաստել, անանուն նամակներ գրել իբր թե ավազակների կողմից, շանթարգելով բարձրանալ վեր, իջնել ցած, դեպի հյուղակը ստորերկրյա ճանապարհ փորել, պարանից սանդուղք շինել և հասցնել Ջիմին կարկանդակի խմորի մեջ դրած, գդալներն ու այն իրերը, որոնցով աշխատելու էր նա, ուղարկում էինք ձեր գոգնոցի գրպանը դրած․․․
 
― Ողորմա՜ծ տեր։
 
― ․․․ մենք հյուղակը լցրել էինք առնետներով, օձերով ու այլ արարածներով, որ Ջիմն ընկերներ ունենա։ Դուք Թոմին այնքան պահեցիք այստեղ՝ կարագը գլխարկի մեջ, որ քիչ էր մնում ամբողջ գործը փչացնեինք, որովհետև մարդիկ հյուղակ եկան, երբ մենք այնտեղից դեռ չէինք հեռացել։ Ստիպված եղանք աճապարել, մեզ լսեցին, ընկան մեր ետևից, և ես էլ ստացա իմ բաժինը։ Մենք դուրս եկանք ճանապարհից և թույլ տվինք, որ նրանք առաջ անցնեն։ Իսկ շները, երբ եկան, մեզ ուշադրություն չդարձրին, վազեցին այն ուղղությամբ, որտեղ աղմուկը մեծ էր։ Մենք էլ նստեցինք մեր մակույկն ու թիավարեցինք դեպի լաստը, և ամեն ինչ ապահով էր, Ջիմը դարձավ ազատ մարդ։ Այդ բոլորը մենք արինք և ճարպկորեն կատարեցինք, չէ՞, մորաքույր։
 
― Իսկապես, իմ կյանքում նման բան երբեք չէի լսել։ Ուրեմն՝ դուք, փոքրիկ սրիկաներդ եք եղել այս ամբողջ նեղության պատճառը, բոլորին գժվեցնողները, մահվան աստիճանի վախեցնողները։ Այժմ ավելի քան երբևէ տրամադիր եմ հենց այս րոպեին ձեզ խելքի բերելու։ Պատկերացրու․ այստեղ քանի՜ գիշեր․․․ Սպասի՜ր, փոքրիկ անպիտան, լավացիր դեռ, ես ձեզ այնպես ջարդեմ, որ ձեր միջից սատանան դուրս գա։
 
Բայց Թոմն այնպես հպարտ և ուրախ էր, որ չէր կարող լեզուն փակել։ Խոսո՜ւմ էր ու խոսում, իսկ մորաքույրը բարկանում էր, իրեն կորցնում։ Երկուսն էլ խոսում էին միաժամանակ։ Կարծես կատուների ժողով լիներ։ Մորաքույրն ասաց․
 
― Լավ, հիմա դու լրիվ ուրախացիր արածիդ համար, բայց տես, եթե դու մեկ էլ խառնվես նրա գործին․․․
 
― Խառնվել ո՞ւմ գործին, ― ասաց Թոմը, ժպիտը թողնելով ու զարմացած նայելով նրան։
 
― Ո՞ւմ, փախած նեգրի գործին, հապա էլ ո՞ւմ։
 
Թոմը չափազանց լուրջ նայեց ինձ ու ասաց․
 
― Թոմ, հենց նոր չասացի՞ր, թե ամեն ինչ կարգին է։ Մի՞թե նա չի փախել։
 
― Նա՝ փախած նեգրը, ― ասաց մորաքույր Սալլին, ― իհարկե, չի փախել։ Նրան ողջ և առողջ ետ են բերել։ Նա նորից նույն հյուղակում է, տալիս են միայն հաց ու ջուր։ Շղթայակապ կմնա, մինչև տերը պահանջի կամ վաճառի աճուրդով։
 
Թոմն անմիջապես վեր ելավ, նստեց անկողնում, աչքերը բոցավառվեցին, ռունգերը խռիկների նման բաց ու խութ եղան։ Նա բարձրարաձայն գոչեց․
 
― Նրանք Ջիմին բանտարկելու իրավունք չունեն։ Շո՛ւտ, առանց մի րոպե կորցնելու շտապի՛ր և ազա՛տ արձակիր․ նա այլևս ստրուկ չէ, ազատ է, ինչպես ամեն արարած, որ քայլում է երկրի վրա։
 
― Ի՞նչ է դա նշանակում, տղաս։
 
― Այն, ինչ նշանակում է իմ ասած ամեն մի բառը, մորաքույր Սալլի։ Եթե ոչ ոք չկա, որ գնա ազատ արձակի նրան, ես կգնամ։ Ես գիտեմ նրա ամբողջ կյանքը, նույնպես և Թոմը։ Պառավ միսս Ուոթսոնը մեռավ երկու ամիս առաջ։ Նա ամաչում էր, որ ուզում էր Ջիմին գետով ուղարկել ցած ու վաճառել։ Նա այդպես էլ ասել էր և իր կտակում ազատություն է տվել Ջիմին։
 
― Այդ դեպքում, ինչո՞ւ էիր ուզում նրան ազատել, երբ գիտեիր, որ նա արդեն ազատ է։
 
― Ահա քեզ հարց, և դա որքա՜ն հատուկ է կանանց։ Ուզում էի միայն նրա համար, որ ես սիրում եմ արկածներ, և պատրաստ էի մինչև վիզս թաղվել արյան մեջ․․․ Ա՜խ, աստվա՜ծ իմ, մորաքույր Պո՜լլին։
 
Կործանվեմ, եթե այդ րոպեին մորաքույր Պոլլին չկանգնեց դռան շեմքին, բարեհամբույր ու գոհ, ինչպես հրեշտակը։
 
Մորաքույր Սալլին նետվեց ընդառաջ, և այնպես ամուր գրկեց գլուխը, որ քիչ էր մնում տեղից հաներ։ Սկսեց լաց լինել։ Ես ինձ համար մի հարմար տեղ գտա մահճակալի տակ։ Զգացի, որ մեր գլխին փոթորիկ է գալու։ Երբեմն թաքուն նայում էի նրանց։ Թոմի մորաքույր Պոլլին ազատվեց քրոջ գրկից և կանգնեց, ակնոցի վերևով այնպես նայելով Թոմին, կարծես ուզում էր փոշի դարձնել նրան։
 
― Այո, ավելի լավ է երեսդ շուռ տաս։ Քո տեղը լինեի, այդպես կանեի, Թոմ։
 
― Օ՜, աստվա՜ծ իմ, ― ասաց մորաքույր Սալլին, ― մի՞թե նա այնքան փոխվել է։ Չէ՞ որ սա Թոմը չէ, Սիդն է, Թոմը․․․ Թոմը հենց նոր այստեղ էր, ո՞ւր կորավ։
 
― Ուզում ես ասել, որտեղ է Հեք Ֆի՞ննը։ Կարծում եմ, ես այնպիսի մի անպիտանի, ինչպիսին Թոմն է, չեմ խնամել այսքան տարի, որպեսզի տեսնելիս չճանաչեմ։ Ա՜յդ էր պակաս։ Դո՛ւրս արի մահճակալի տակից, Հե՛ք Ֆինն։
 
Ես դուրս եկա։ Ընկճված էի զգում ինձ։
 
Մորաքույր Սալլին այնպես էր շփոթվել, որ ես իմ կյանքում այդ վիճակում ընկած մարդ չէի տեսել, բացի հորեղբայր Սայլասից, որն ավելի շփոթվեց, երբ ներս մտավ, և նրան պատմեցին ամեն ինչ։ Նա կարծես հարբել էր և օրվա մնացած ժամերին ոչինչ չկարողացավ հասկանալ։ Իսկ երեկոյան այնպիսի քարոզ կարդաց, որ մեծ համբավի արժանացավ․ ոչ ոք, նույնիսկ ամենածեր մարդը, ոչինչ չհասկացավ նրա ասածից։ Այսպիսով, Թոմի մորաքույր Պոլլին պատմեց նրանց, թե ով եմ ես։ Ստիպված եղա վեր կենալ և ասել, թե ինչպիսի նեղ դրության մեջ էի ընկել, երբ միսիս Ֆելփսն ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի։ (Այստեղ միսիս Ֆելփսը ընդմիջեց ինձ ու ասաց․ «Օ՜, շարունակի՛ր ինձ մորաքույր Սալլի կոչել․ այժմ ես վարժվել եմ դրան և փոխելու կարիք չկա»)․․․ Երբ մորաքույր Սալլին ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի, ինձ մնում էր համաձայնել դրան, ուրիշ ճար չկար։ Ես գիտեի, որ Թոմը դրանից չէր նեղանա, որովհետև դա, լինելով գաղտնիք, նրա համար նույնիսկ ցանկալի կլիներ։ Դրանից նա մի արկած դուրս կբերեր և կատարելապես գոհ կլիներ։ Այդպես էլ եղավ։ Նա թույլ տվեց, որ ինքը լինի Սիդ, և իմ գործը կարողացածի չափ մեղմացրեց։
 
Մորաքույր Պոլլին ասաց, որ Թոմն իրավացի է․ պառավ միսս Ուոթսոնը Ջիմին ազատություն է տվել։ Կտակում իրոք այդպես էլ գրված է։ Թոմ Սոյերն այս բոլոր նեղություններին ու տանջանքներին դիմել է միայն ազատագրված մի նեգր ազատելու համար։ Բայց ես ամբողջ ժամանակ, մինչև այդ զրույցի վերջը, չէի կարողանում հասկանալ, թե ինչպես Թոմ Սոյերն իր այդպիսի դաստիարակությամբ կարող էր օգնել մեկին մի նեգրի ազատելու համար։
 
Մորաքույր Պոլլին ասաց, որ երբ մորաքույր Սալլին գրել էր, թե Թոմն ու Սիդը ողջ֊առողջ տեղ են հասել, մտածեց․ «Ահա, թե ինչ։ Ես այդպես էլ սպասում էի, երբ թույլ տվեցի, որ նա անցնի այդ ճանապարհն առանց մեկի հսկողության»։
 
Եվ ինքը ստիպված է եղել գետի վրայով հազար հարյուր մղոն ճանապարհ անցնել նավով և իմանալ, թե այդ արարածն այժմ ինչով է զբաղված, քանի որ այդ մասին գրած ոչ մի նամակին պատասխան չի ստացել։
 
― Բայց ես քեզանից ոչ մի նամակ չեմ ստացել, ― ասաց մորաքույր Սալլին։
 
― Զարմանալի է, չէ՞ որ ես երկու անգամ գրեցի և հարցրի, թե ինչ է նշանակում «Սիդն այստեղ է»։
 
― Ես ոչ մի նամակ չեմ ստացել, քույրիկ։
 
Մորաքույր Պոլլին դանդաղ ու խոժոռված շուռ եկավ դեպի Թոմն ու կանչեց․
 
― Թո՛մ։
 
― Ի՞նչ, ― պատասխանեց Թոմը դյուրագրգիռ։
 
― Ինձ այդպես չպատասխանես, անամո՛թ․․․ Այստեղ տուր նամակները։
 
― Ի՞նչ նամակ։
 
― Այն նամակները։ Սպասի՛ր դու․․․
 
― Սնդուկում են։ Ոչ ոք ձեռք չի տվել, ստացված օրից ընկած են այնտեղ, չեմ էլ բացել։ Բայց ես գիտեի, որ դրանք նեղություն կտան մեզ և մտածեցի, որ եթե չես շտապում, ուրեմն․․․
 
― Քեզ պետք է այնքան ծեծել, որ կաշիդ պլոկվի, և դա սխալ չի լինի։ Բայց ես մի նամակ էլ գրեցի, որով նախազգուշացնում էի, թե գալիս եմ։ Ենթադրում եմ, որ դա․․․
 
― Ոչ, երեկ եկավ։ Դեռ չեմ կարդացել, բայց ինձ մոտ է, ստացել եմ։
 
Ուզում էի երկու դոլարի վրա գրազ գալ, որ մոտը չէ, բայց մտածեցի, որ գուցե լռելն ավելի ապահով է, և ոչինչ չասացի։
 
 
==Վերջին գլուխ==
 
 
Առաջին անգամ, երբ ես ու Թոմը մենակ էինք, հարցրի, թե ի՞նչ էր մտածում նա, երբ կազմակերպեց այդ փախուստը, ի՞նչ էր ծրագրել անել հետագայում, եթե փախուստը հաջող անցներ, և ինքը ազատած լիներ մի նեգրի, որը մինչև այդ արդեն ազատված էր։ Եվ նա ասաց, թե սկզբում ինչ էր ծրագրել գլխում, եթե ապահով դուրս բերեինք Ջիմին։ Մենք պետք է լաստով նրան տանեինք ներքև, մինչև գետաբերանը, որպես արկածային զվարճություն, ապա հայտնեինք, որ նա ազատ է, հանդիսավոր կերպով շոգենավով ետ բերեինք կորցրած ժամանակի համար, նախապես գրեինք տուն և հավաքեինք շրջակայքի նեգրերին, որ դիմավորեին և առաջնորդեին քաղաք՝ ջահերով ու երաժշտությամբ։ Նա կդառնար հերոս, մենք ևս հերոսներ կդառնայինք։ Բայց, իմ կարծիքով, առանց այդ էլ ամեն ինչ նույնքան լավ էր։
 
Մենք Ջիմին անմիջապես ազատեցինք շղթաներից, և երբ մորաքույր Պոլլին, հորեղբայր Սայլասն ու մորաքույր Սալլին իմացան, թե նա որքան լավ էր օգնել բժշկին՝ Թոմին խնամելիս, մեծ աղմուկ բարձրացրին։ Տեղավորեցին հարգ ու պատվով, տալիս էին լավագույն ուտելիքները, աշխատում էին այնպես անել, որ չձանձրանա, ոչ մի գործ չանի։ Մենք նրան տարանք հիվանդի սենյակը և լրջորեն խոսեցինք։ Թոմը նրան քառասուն դոլար տվեց՝ այդքան համբերատար կերպով մեր բանտարկյալը լինելու և հանձնարարված պարտականություններն այնքան լավ կատարելու համար։ Ջիմն անսահման ուրախ էր, նրա ձայնալարերը բացվեցին, և նա ասաց․
 
― Ահա, Հեք, ի՞նչ ասացի քեզ, ի՞նչ ասացի, երբ Ջեքսոնի կղզում էինք․ ասացի, որ մազոտ կուրծ ունեմ և ինչի՛ նշան է դա։ Ասացի, որ մի անգամ հարուստ եղել եմ և նորից կհարստանամ։ Եվ դա ճիշտ դուրս եկավ։ Ահա այդ հարստությունը, էլ չխոսես։ Նշանը նշան է, հիշիր խոսքերս։ Ես նույնքան համոզված էի, որ կհարստանամ, որքան հավատում եմ, որ այս րոպեին կանգնած եմ ասյտեղ։
 
Ապա Թոմը խոսե՜ց, խոսե՜ց։ Ասաց, որ մենք երեքով մոտ օրերս, գիշերով կծլկենք այստեղից, լավ կպատրաստվենք ու երկու շաբաթով կամ մեկ ամսով կփախչենք հնդկացիների կողմերը, արկածներ որոնելու։ Ես տվեցի իմ համաձայնությունը, բայց ասացի, որ պատրաստություններ տեսնելու, հագուստներ գնելու համար փող չունեմ։ Տնից էլ հազիվ թե ստանամ, որովհետև հայրս վաղուց վերադարձած, դատավոր Թեչըրից ստացած կլինի իմ փողը և ամբողջովին խմած, վատնած կլինի։
 
― Ո՛չ, չի ստացել, ― ասաց Թոմը, ― ամբողջ փողն իր տեղում է՝ վեց հազար դոլար, նույնիսկ ավելի։ Բացի այդ, հայրդ դեռ չի վերադարձել։ Համենայն դեպս, երբ ես եկա, չէր վերադարձել։
 
Ջիմը մի տեսակ հանդիսավոր լուրջ եղանակով ասաց․
 
― Նա այլևս հետ չի գա, Հե՛ք։
 
― Ինչո՞ւ, Ջիմ, ― ասացի ես։
 
― Պատճառը հետաքրքիր չէ, Հեք, բայց այլևս ետ չի գա։
 
Ես շարունակեցի հարց ու փորձ անել այնքան, մինչև նա վերջապես ասաց․
 
― Հիշո՞ւմ ես այն տունը, որ լողալով իջնում էր ջրի հետ։ Մեջը ծածկված մի մարդ կար։ Երբ ես մտա ներս, բաց արեցի դեմքը, չթողեցի, որ դու ներս գաս։ Դե՛հ բավական է, դու կարող ես դրամն ստանալ, երբ ուզենաս․ այդ մարդը նա էր։
 
Թոմն արդեն լավացել էր և գնդակը ժամացույցի շղթային ամրացրած կախել էր վզից որպես ժամացույց և միշտ նայում էր, թե ժամը քանի՞սն է։ Այսպիսով, այլևս ոչինչ չկա, որի մասին գրեմ և անչափ ուրախ եմ դրա համար։ Եթե իմանայի, թե ինչ գլխացավանք է գիրք գրելը, երբեք չէի ձեռնարկի, ոչ էլ այսուհետև կձեռնարկեմ։ Բայց կարծում եմ, ես ավելի շուտ կթռչեմ հնդկացիների կողմերը, քան մյուսները, որովհետև մորաքույր Սալլին պատրաստվում է որդեգրել և քաղաքակրթել ինձ, իսկ ես չեմ դիմանա դրան․ նրա մոտ արդեն եղել եմ։
Ադմին, Վստահելի
1876
edits