Թշնամու կեսը շարքից հանված էր։ Շուտո՛վ, շուտո՛վ այնտեղ, ցածում, դարբասի երկու կարմիր սյուների մեջտեղում սպիտակ դրոշակ կծածանվի։
==Գլուխ քսաներեքերորդ==
Չիպոլինոն ծանոթանում է փոստատար Սարդի հետ
Ոչ, ես ձեզ չեմ խաբի, դարբասի սյուների միջև ոչ մի դրոշակ էլ չծածանվեց։ Դրա փոխարեն կռվի դաշտ ժամանեց Լիմոնուկների մի ամբողջ դիվիզիա, որոնց շտապ ուղարկել էին մայրաքաղաքից, և մեր բարեկամներին մնում էր կամ հանձնվել, կամ փախչել։
Չիպոլինոն փորձեց մառանի դռնակով փախչել, բայց ընդհատակյա անցքը թշնամին գրավել էր։
Իսկ ո՞վ գաղտնի անցքի մասին հայտնեց Լիմոնուկներին, որոնք այդ մասին գաղափար չունեին։
Այդ էլ ձեզնից չեմ թաքցնի։ Պարզվեց, որ դավաճանը սինյոր Սիսեռիկն էր։
Երբ Չիպոլինոյի ու նրա կողմնակիցների գործերը վատացան, փաստաբանը վախենալով, թե իրեն երկրորդ անգամ կկախեն, իսկույն անցավ թշնամու կողմը։
Սինյոր Պոմիդորը Չիպոլինոյին բռնելով այնքան ուրախացավ, որ մնացած գերիներին ազատ արձակեց։ Միայն Բալուկին, որպես պատիժ, փակեցին ձեղնահարկում։
Իսկ Չիպոլինոյին մի ամբողջ վաշտ Լիմոնուկների ուղեկցությամբ տարան բանտ և փակեցին նկուղային խցում։
Օրական երկու անգամ բանտապահ Լիմոնուկը պղնձե չեչոտ ամանով նրան հացից ու ջրից պատրաստած ապուր էր բերում։ Չիպոլինոն ուտում էր առանց նայելու, նախ այն պատճառով, որ սաստիկ քաղցած էր, և ապա այն պատճառով, որ նրա խցում երբեք լույս չէր լինում։
Մնացած ժամանակ Չիպոլինոն պառկում էր մահճակալին ու մտածում․ «Միայն թե հաջողվեր հորս տեսնել։ Գոնե կարողանայի նրան իմաց տալ, որ ես էլ իր հետ եմ, միևնույն բանտում»։
Գիշեր֊ցերեկ Լիմոնուկ ժամապահը ծանր կրունկներով թխկացնելով, անց ու դարձ էր անում խցի դռան մոտ։
― Գոնե ռետինե կրունկներ խփեք, ― գոռում էր Չիպոլինոն, որին Լիմոնուկի ոտնաձայները չէին թողնում քնի։
Բայց բանտապահները նույնիսկ շուռ չէին գալիս նրա կողմը։
Մի շաբաթ հետո եկան նրան տանելու։
― Ո՞ւր եք ինձ տանում, ― հարցրեց Չիպոլինոն։
Նա կարծում էր, թե իրեն տանում են կախաղան հանելու։ Բայց ընդամենը բակ էին դուրս բերում՝ զբոսանքի։ Երկար միջանցքով դեպի դուռը գնալով, Չիպոլինոն զայրանում էր իր ոտքերի վրա, որոնց համար քայլելն անսովոր էր դարձել, աչքերի վրա, որոնք արդեն լույսի սովոր չէին և արցունքոտվում էին։
Բակը կլոր էր։ Կալանավորները, որոնք բանտարկյալի միատեսակ, սպիտակ ու սև զոլերով շորեր էին հագել, իրար հետևից քայլում էին շրջանաձև։
Խոսելը խստիվ արգելված էր։ Շրջանի կենտրոնում մի Լիմոնուկ էր կանգնած և թմբուկին խփելով չափ էր տալիս։
― Մե՛կ, ե՛րկու, մե՛կ, ե՛րկու․․․
Չիպոլինոն մտավ շրջանի մեջ։ Նրա առջևից մի ծեր, կորամեջք ու ալեհեր կալանավոր էր քայլում։ Երբեմն նա խուլ հազում էր, և դրանից նրա ուսերը ցնցվում էին։
«Խեղճ ծերուկ, ― մտածեց Չիպոլինոն, ― եթե այսքան ծեր չլիներ, նման կլիներ իմ հորը»։
Էլի մի քիչ քայլելով ծերուկն այնպես հազաց, որ ստիպված դուրս եկավ շարքից և հենվեց սյանը, որ վայր չընկնի։ Չիպոլինոն նետվեց օգնելու և միայն այստեղ տեսավ նրա դեմքը, որի վրա խոր կնճիռներ էին ակոսված։ Կալանավորը հանգած աչքերով նայեց տղային և հանկարծ բռնեց նրա ուսերից․
― Չիպոլի՜նո, որդի՛ս։
― Հայրի՛կ, այս ինչքան ես ծերացել․․․
Հայր ու որդի լալով գրկախառնվեցին։
― Լաց մի լինի, սիրելիս, ― փնթփնթաց ծերուկը։ ― Քաջ եղիր, Չիպոլի՛նո։
― Ես չեմ լալիս, հայրի՛կ։ Միայն թե ինձ համար շատ ցավալի է քեզ այդպես հիվանդ ու թույլ տեսնել։ Իսկ ես դեռ խոստանում էի քեզ ազատել բանտից։
― Դարդ մի՛ անի, մեզ համար էլ երջանիկ օրեր կգան։
Այդ րոպեին թմբկահար Լիմոնուկը ուժեղ խփեց թմբուկին։
― Է՜յ, մի՞թե չե՞ք տեսնում, որ ամբողջ շարքը խառնեցիք։ Առաջ եկեք։
Ծեր Չիպոլոնեն շտապ բաժանվեց տղայից և կալանավորների շարքում գրավեց իր տեղը։ Նրանք էլի մի քանի պտույտ կատարեցին բակում, իսկ հետո նույն կարգով շարժվեցին դեպի խցերը տանող երկար միջանցքը։
― Ես քեզ լուր կուղարկեմ, ― շշնջաց ծեր Չիպոլոնեն հրաժեշտ տալիս։
Բայց ինչպե՞ս։
― Կտեսնես։ Պի՛նդ կաց, Չիպոլի՛նո։
― Գնաս բարով, հայրի՛կ։
Ծերուկը մտավ իր խուցը։ Չիպոլինոյի խուցը երկու հարկով ցածր էր, նկուղում։ Հիմա, երբ Չիպոլինոն հանդիպեց հորը, խուցը այլևս նրան այնքան մութ չէր թվում։ Վերջին հաշվով մի քիչ լույս թափանցում էր միջանցքի վրա բացվող փոքրիկ պատուհանից։ Բայց լույսը այնքան քիչ էր, որ միայն կարելի էր տեսնել Լիմոնուկի աննկատելիորեն փայլատակող սուսերը, որ ետ ու առաջ էր դառնում միջանցքում։
Հաջորդ օրը, երբ Չիպոլինոն ժամանակն սպանելու համար հաշվում էր, թե ժամապահի սուսերը քանի՛ անգամ կփայլատակի պատուհանի հետևում, հանկարծ լսեց, որ ինչ֊որ մի տարօրինակ, հազիվ լսելի ձայն կանչում է իրեն։
― Ո՞վ է ինձ կանչում, ― զարմացած հարցրեց նա։
― Նայիր պատին։
― Նայում եմ աչքերս լայն բացած, բայց պատն էլ չեմ տեսնում։
― Իսկ ես, ա՛յ, այստեղ եմ, պատուհանի մոտ։
― Ա՜, հիմա տեսնում եմ, դու Սարդ ես։ Իսկ ի՞նչ ես անում այստեղ, չէ՞ որ այստեղ ճանճեր էլ չկան։
― Ես կաղլիկ Սարդն եմ։ Իմ սարդոստայնը վերին հարկի խցումն է։ Երբ ես ուտել եմ ուզում, իմ ցանցի մեջ միշտ էլ ուտելու բան ճարվում է։
Ինչ որ Լիմոնուկ կոպտորեն խփեց դռանը։
― Է՜յ, ձայնդ կտրիր, ո՞ւմ հետ ես այդտեղ խոսում։
― Ես աղոթք եմ կարդում, որ ինձ մայրս է սովորեցրել, ― պատասխանեց Չիպոլինոն։
― Մի քիչ կամաց աղոթիր, մեզ շփոթության մեջ ես գցում։ Լիմոնուկներն այնքան բո՛ւթ էին, որ ամենաթեթև աղմուկի դեպքում քայլերը խառնում էին։
Կաղլիկ Սարդն ավելի ցած իջավ և իր սարդոստայնի նման բարակ ձայնով շշնջաց․
― Հորիցդ քեզ նամակ եմ բերել։
Եվ իրոք, նա մեկնեց մի գրություն, որին սարդոստայնի բարակ թելեր էին կպած։ Չիպոլինոն երկտողը խլեց և անմիջապես սկսեց կարդալ։ Այնտեղ ասված էր․
«Սիրելի Չիպոլինո, ես քո բոլոր արկածների մասին գիտեմ։ Մի՛ մտածիր, որ գործերդ ավելի վատ գնացին, քան դու սպասում էիր։ Քո տեղը որ ես լինեի, ես էլ քեզ նման կվարվեի։ Ի՞նչ խոսք, բանտ նստելը շատ տհաճ բան է, բայց կարծում եմ, որ այստեղ շատ բան կսովորես և ժամանակ կունենաս մտածելու այն մասին, ինչ որ գլխովդ անցավ։ Նա, որ կբերի քեզ այս նամակը, մեր բանտի փոստատարն է։ Նրան ամեն բան կարող ես վստահել։ Նրա միջոցով ինձ մի լուր ուղարկիր։ Ջերմորեն գրկում եմ քեզ։ Քո հայր՝ Չիպոլոնե»։
― Մինչե վերջը կարդացի՞ր, ― հարցրեց Կաղլիկը։
― Այո, կարդացի։
― Լա՛վ, իսկ հիմա նամակը դիր բերանդ, ծամիր ու կուլ տուր, որ պահակի ձեռքը չընկնի։
― Եղա՛վ, ― ասաց Չիպոլինոն նամակը ծամելով։
― Առայժմ ցտեսություն, ― ասաց Կաղլիկը։
― Ո՞ւր ես գնում։
― Նամակներ բաժանելու։
Չիպոլինոն միայն հիմա նկատեց, որ սարդի վզից սարդոստայնից հյուսած մի պայուսակ կա, որ լեփ֊լեցուն է նամակներով։
― Դու այս նամակները խցե՞րն ես տանում։
― Արդեն հինգ տարի է, ինչ այս գործով եմ զբաղվում։ Ամեն առավոտ խցից խուց եմ անցնում և նամակներ հավաքում, իսկ հետո բաժանում եմ։ Պահակները դեռ ոչ մի անգամ ինձ չեն բռնել և ոչ մի նամակ չեն գտել։ Այսպիսով կալանավորները առանց վախենալու, թե իրենց նամակները կբռնեն, կարողանում են միմյանց հետ կապ պաշտպանել։
― Իսկ որտեղի՞ց են նրանք թուղթ ճարում։
― Նրանք բոլորովին ել թղթի վրա չեն գրում, այլ շապիկներից կտրած լաթերի վրա։
― Հիմա ես հասկանում եմ, թե ինչու նամանկն այդքան տարօրինակ համ ուներ, ― ասաց Չիպոլինոն։
― Իսկ թանաք շինում են բանտային ապուրից, որի մեջ մանրած աղյուս են լցնում։
― Իսկ աղյուսը որտեղի՞ց են վերցնում։
― Չէ՞ որ բանտի պատերն աղյուսից են։
― Հասկանալի է, ― ասաց Չիպոլինոն, ― վաղն արի իմ խուցը, ես քեզ նամակ կտամ։
― Անպայման կգամ, ― խոստացավ փոստատարը և մի փոքր կաղալով շարունակեց իր ճամփան։
― Այդ ի՞նչ է, ոտքդ քարի՞ ես կպցրել։
― Չէ՛, հոդացավ ունեմ։ Հասկանո՞ւմ ես, ինձ խոնավ տեղում ապրել չի կարելի։ Ես ծեր եմ, ինձ հարկավոր է գյուղ տեղափոխվել։ Այնտեղ մի եղբայր ունեմ, որ եգիպտացորենի դաշտումն է ապրում։ Ամեն օր նա իր ոստայնը գցում է եգիպտացորենի ցողուններին և ամբողջ օրը մաքուր օդ ու արև է վայելում։ Նա շատ անգամ է ինձ իր մոտ հրավիրել, բայց ես հո չե՞մ կարող իմ աշխատանքը թողնել։ Եթե մի գործ սկսում ես, ապա պետք է վերջացնես։ Բացի այդ, իշխան Լիմոնի հետ ես իմ հաշիվներն ունեմ։ Նրա պալատական ծառան սպանել է իմ հորը։ Խեղճ ծերուկին խփեց ուղղակի խոհանոցում։ Այնտեղ պատի վրա մինչև հիմա հազիվ նկատելի մի բիծ է մնում։ Երբեմն գնում եմ ինձ համար թանկ այդ հետքը տեսնելու և ինքս ինձ ասում եմ․ «Կգա ժամանակ, երբ իշխան Լիմոնին էլ կխփեն, բայց այնպես, որ իսկի հետքն էլ չի մնա»։ Ճի՞շտ եմ ասում։
― Ես երբեք քեզ նման ազնիվ սարդ չեմ տեսել, ― հիացմունքով ասաց Չիպոլինոն։
― Ամեն մարդ իր ուժի չափով է գործ բռնում, ― համեստորեն պատասխանեց փոստատարը։
Կաղալով նա հասավ լուսամուտին և ինչ֊որ Լիմոնուկի հենց քթի տակով սողաց դեպի միջանցք։ Իսկ Լիմոնուկն այդ րոպեին դռան կլոր անցքից նայում էր ներս, որ տեսնի ամեն ինչ կարգի՞ է թե ոչ։
Խցից դուրս գալով, Կաղլիկը սարդոստայնով իջավ ցած և գնաց իր գործին։