Changes

Չիպոլինոյի արկածները

Ավելացվել է 79 596 բայտ, 16:17, 19 Փետրվարի 2016
/* =Վերջաբան */
Յոթ ու կեսը ճանապարհ ընկավ նույնիսկ առանց քնելու և լուսաբացին բարեհաջող հասավ ամրոց։ Նա հեշտությամբ գտավ ձեղնահարկը, և նրան ջերմորեն ընդունեց ազգական սարդը։ Եղածի մասին մի փոքր զրուցելուց հետո, նրանք նամակները տվեցին Բալուկին, որը խռովությանը մասնակցելու համար պատժված լինելով, դեռևս նստած էր ձեղնահարկում։ Հետո ամրոցում ապրող սարդը Յոթ ու կեսին առաջարկեց ամբողջ ամառն անցկացնել իր մոտ, և ծեր շաղակրատը սիրով համաձայնեց։ Նրա համար շատ սարսափելի էր վերադառնալը։
 
==Գլուխ քսանվեցերորդ==
 
Որտեղ պատմվում է թվաբանություն չիմացող մի Լիմոնուկի մասին
 
 
Մի անգամ առավոտյան Չիպոլինոյին ապուր բերող Լիմոնուկը ամանը գետին դնելով, խստությամբ ասաց․
 
― Քո ծերուկը վատ է զգում իրեն։ Նա շատ հիվանդ է։
 
Չիպոլինոն ուզում էր հոր մասին ավելի շատ բան իմանալ, բայց Լիմոնուկը խուսափելով միայն ասաց, որ ծեր Չիպոլոնեն խցից դուրս գալ չի կարող։
 
― Նայի՛ր, մարդու բան չասես, թե ես քեզ հետ խոսել եմ, ― ավելացրեց Լիմոնուկը, ― թե չէ ինձ դուրս կանեն այստեղից, իսկ ես ընտանիք եմ պահում։
 
Չիպոլինոն խոստացավ լռել։ Ասնեք, առանց խոսք տալու էլ նա չէր ուզենա վտանգի ենթարկել այդ հասակն առած, ընտանիքավոր մարդուն, որը Լիմոնի զգեստ էր հագել։ Պարզ էր, նա բանտում ծառայում էր միայն այն պատճառով, որ երեխաներին կերակրելու համար ուրիշ աշխատանք չէր ճարել։
 
Զբոսանքի օր էր։ Կալանավորները դուրս եկան բակ և շրջան կազմած սկսեցին պտտվել։ Լիմոնուկը տակտով թմբկահարում էր․
 
― Մե՛կ, ե՛րկու, մե՛կ, ե՛րկու։
 
«Մե՛կ, ե՛րկու», ― ինքն իրեն կրկնում էր Չիպոլինոն։ ― Իմ փոստատարն անհետ կորավ, կարծես գետնի տակն անցավ։ Արդեն տասն օր է ինչ գնացել է, իսկ վերադարձի ոչ մի հույս չկա։ Նա իմ նամակները ոչ ոքի չի տվել, այլապես Խլուրդն հիմա այստեղ կլիներ։ Մե՛կ, ե՛րկու․․․ Հայրս հիվանդ է, ուրեմն՝ փախչելու մասին չարժե մտածել։ Հիվանդին ինչպե՞ս կարելի է բանտից դուրս տանել, ինչպե՞ս բուժել։ Ո՞վ գիտե, թե ինչքան պիտի թաքնվենք անտառում կամ ճահճում՝ առանց օթևանի, առանց բժշկի ու դեղերի․․․ Ա՜խ, Չիպոլինո, ազատության մասին մտածելդ թո՛ղ և պատրաստվիր երկար տարիներ, գուցե և ամբողջ կյանքդ, բանտում անցկացնելու․․․ եվ մահից հետո էլ մնալու այստեղ», ― մտովի ավելացրեց նա, նայելով բանտի գերեզմանոցին, որ երևում էր բակը շրջապատող պարսպի փոքրիկ պատուհանից։
 
Այդ օրը զբոսանքը սովորականից ավելի տխուր էր անցնում։ Կալանավորներն իրենց զոլավոր բաճկոններով ու վարտիքներով կուչ եկած շրջում էին բակում։ Ոչ ոք չէր փորձում ամեն անգամվա նման գոնե մի քանի խոսք փոխանակել ընկերոջ հետ։
 
Բոլորը ազատություն էին երազում, բայց այդ օրը ազատությունը այնքա՜ն հեռու էր թվում։ Ավելի հեռու, քան արևը, երբ նա անձրևոտ օրերին թաքնվում է ամպերի հետևում։ Եվ կարծես նրանց ջգրու, սկսեց բարակ սառը անձրև մաղել։ Կալանավորները ցրտից ուսերը ցնցելով, շարունակում էին իրենց զբոսանքը, որը բանտի օրենքներով, ինչ եղանակ էլ լիներ, պետք է տեղի ունենար։
 
Հանկարծ Չիպոլինոն լսեց, կամ գուցե նրան թվաց, թե մեկը կանչում է իրեն։
 
― Չիպոլի՜նո, ― ավելի պարզ կրկնվեց ծանոթ ձայնը, ― հետևյալ շրջանը կատարելիս այստեղ մի քիչ կանգ առ։
 
«Խլուրդն է, ― մտածեց Չիպոլինոն, և ուրախությունից ամբողջ արյունը խփեց երեսին, ― նա եկա՛վ, նա այստե՛ղ է»։
 
Բայց ինչպե՞ս վարվի հոր հետ, որը փակված է խցում։
 
Չիպոլինոն այնքան էր ուզում շուտ հասնել այնտեղ, որտեղից լսեց ծանոթ ձայնը, որ տրորեց առջևից գնացող բանտարկյալի կրունկը։ Սա ետ դարձավ և փնթփնթաց․
 
― Նայիր, թե ոտքդ ուր ես դնում։
 
― Մի՛ նեղացիր, շշնջաց Չիպոլինոն, ― հաղորդիր բոլորին, որ քառորդ ժամից բոլորս բանտից դուրս կգանք։
 
― Խելքդ թռցրե՞լ ես, ― զարմացավ բանտարկյալը։
 
― Արա, ինչ քեզ ասում են, հաղորդիր, որ բոլորը պատրաստ լինեն։ Մենք զբոսանքը չվերջացրած՝ կփախչենք։
 
Բանտարկյալը մտածեց, եթե հաղորդի էլ, ոչ մի վատ բան չի լինի։
 
Մարդիկ դեռ մի պտույտ չէին կատարել, երբ զգացվեց, որ նրանց քայլերն ավելի առույգ ու հաստատ դարձան։ Մեջքներն ուղղվեցին։ Նույնիսկ թմբուկ խփող Լիմոնուկն այդ նկատեց և որոշեց այդ առթիվ գովել կալանավորներին։
 
― Ա՛յ, այդպես լավ է, ― գոռաց նա, ― ա՛յդ֊պե՜ս, այդ֊պե՜ս, կուրծքներդ դո՛ւրս, փորներդ նե՛րս։ Ուսներդ ետ․․․ մե՛կ, ե՜րկու, մե՛կ, ե՜րկու․․․
 
Այդ արդեն ոչ թե կալանավորների զբոսանքի էր նման, այլ ռազմական վարժության։
 
Երբ Չիպոլինոն հասավ այն տեղը, որտեղից Խլուրդը նրան կանչում էր, նա քայլերը դանդաղեցրեց և ականջ դրեց․
 
― Ընդհատակյա անցքը պատրաստ է, ― գետնի տակից լսեց նա, ― քեզ միայն պետք է մի քայլ դեպի ձախ թռչել և հողը քո ոտների տակ փուլ կգա։ Մենք վերևում միայն մի բարակ շերտ ենք թողել․․․
 
― Լավ, բայց արի սպասենք մինչև մյուս պտույտը, ― կամաց ասաց Չիպոլինոն։
 
Խլուրդն էլի ինչ֊որ բան ասաց, բայց Չիպոլինոն արդեն անցել էր։
 
Նա նորից տրորեց առջևից գնացող կալանավորի ոտքը և շշնջաց․
 
Հաջորդ պտույտին, երբ ես կխփեմ քո ոտքին, դու մի քայլ գնա դեպի ձախ և թռիր։ Միայն թե ուժեղ կթռչես։
 
Կալանավորն ինչ֊որ բան էր ուզում հարցնել, բայց այդ րոպեին թմբկահարը նայեց նրանց կողմը։
 
Հարկավոր էր մի կերպ նրա ուշադրությունը շեղել։ Ամբողջ շրջանով մեկ շշուկներ պտտվեցին, և բանտարկյալներից մեկը բարձր ճչաց․
 
Ա՜յ․․․
 
― Ի՞նչ պատահեց, ― նրա կողմը շուռ գալով, գոռաց Լիմոնուկը։
 
― Կոշտուկս տրորեցին, ― լացակումաց պատասխանեց կալանավորը։
 
Այն ժամանակ, երբ Լիմոնուկը սպառնագին նայում էր հակառակ կողմը, Չիպոլինոն մոտենում էր այն տեղին, որտեղ գտնվում էր խլուրդների ստորանցքի մուտքը։ Նա ոտքի թաթը կպցրեց առջևից գնացող ընկերոջ ոտքին։ Սա թռավ ձախ ու տեղն ու տեղը անհայտացավ։ Գետնին մնաց մի բավականաչափ լայն անցք, այնպես որ մարդ հանգիստ կարող էր ընկնել այնտեղ։ Չիպոլինոն շրջանով մեկ կարգադրություն հաղորդեց։ Յուրաքանչյուր պտույտին կթռչի նա, որին ես ոտքով կխփեմ։
 
Այդպես էլ գնաց։ Յուրաքանչյուր պտույտը կատարելիս, մեկն ու մեկը թռչում էր դեպի ձախ և անհետ կորչում։ Որպեսզի Լիմոնուկն այդ չնկատի, կալանավորներից որևէ մեկը հակառակ կողմից ճչում էր․
 
― Ա՜յ, ա՜յ․․․
 
― Ի՞նչ պատահեց, ― խստորեն հարցնում էր Լիմոնուկը։
 
― Կոշտուկս տրորեցին, ― լսվում էր միշտ միևնույն պատասխանը։
 
― Այսօր ձեր արածը միայն այդ է, անընդհատ իրար ոտք եք տրորում։ Ուշադիր եղեք։
 
Հինգ֊վեց պտույտից հետո, Լիմոնուկն սկսեց մտահոգված նայել իր շուրջը պտտվող կալանավորներին։
 
«Տարօրինակ է, ― մտածում էր նա, ― ես կարող եմ երդվել, որ մարդիկ քչացան»։
 
Բայց հետո մտածեց, որ միայն այդպես թվում է իրեն։ Ո՞ւր կարող էին նրանք գնալ։ Դարբասը փակ է, պատերը բարձր։
 
― Բայց էլի ինձ թվում է, թե քչացան, ― մռթմռթաց նա։
 
Ցանկանալով համոզվել, որ սխալվել է, Լիմոնուկը սկսեց կալանավորներին հաշվել, բայց նրանց թիվը մեկ ավելանում էր, մեկ պակասում։ Վերջապես նա թողեց այդ գործը, որպեսզի վերջնականապես ամեն ինչ չխառնի։ Եվ այստեղ նա նայեց շրջանին ու սարսափահար սկսեց աչքերը տրորել։ Մի՞թե այդ հնարավոր բան է։ Կալանավորները համարյա երկու անգամ պակասել էին։
 
Նա աչքերը հառեց երկինք, որպեսզի տեսնի, թե կալանավորներից որևէ մեկը այնտեղ չի՞ թռել, բայց հենց այդ ժամանակ մեկն էլ թռավ ստորանցքի մեջ և մի ակնթարթում անհետացավ։
 
Հիմա ընդամենը քսանութ հոգի էր մնացել։ Նրանց մեջ էր նաև Չիպոլինոն, որը չէր դադարում հոր մասին մտածելուց։ Ամեն անգամ, երբ նրա աչքի առաջ մի կալանավոր էր անհայտանում փոսի մեջ, նրա սիրտը ճմլվում էր․ «Ա՜խ, եթե սա իմ հայրը լիներ»։
 
Բայց ծեր Չիպոլինոն փակված էր իր խցում, նրան ազատելու մասին մտածելն անգամ ավելորդ էր։
 
Վերջապես Չիպոլինոն որոշեց այնպես անել, որ բոլոր կալանավորները փախչեն, իսկ ինքը հոր հետ մնա բանտում։ Ազատություն պետք չէ իրեն, եթե չպետք է կարողանա ազատությունից օգտվել ծեր Չիպոլոնեի հետ միասին։
 
Արդեն ընդամենը տասնհինգ բանտարկյալ էր մնացել․․․ տասը․․․ ինը, ութ, յոթ․․․
 
Ապշած Լիմոնուկը շարունակում էր թմբուկը խփել։
 
«Այս ի՞նչ սատանայական խաղ է, ― վախեցած մտածում էր նա, ― ամեն պտույտին մի հոգի կորչում է։ Ի՞նչ պիտի անեմ։ Մինչև զբոսանքի վերջը դեռ յոթ րոպե կա։ Կարգը կարգ, իսկ եթե մինչև զբոսանքի վերջը բոլորն անհետանա՞ն․․․ քանի՞սն են մնացել․․․ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ, վե՛ց․․․ ի՞նչ եմ ասում, միայն հինգն են մնացել»։
 
Չիպոլինոն շատ հուզված էր։ Նա փորձեց Խլուրդին կանչել, բայց պատասխան չլսեց։ Իսկ նա այնպես էր ուզում իր բարի ընկերոջը բացատրել, թե ինչու չի կարող փախչել․․․
 
Հենց այդ րոպեին Լիմոնուկը որոշեց վերջ տալ այդ կախարդանքին, որի պատճառով այդքան խորհրդավոր կերպով անհայտանում էին կալանավորները։
 
Նա ճչցաց․
 
― Կանգնի՜ր, ո՛չ մի քայլ․․․
 
Չիպոլինոն և էլի չորս կալանավորներ կանգնեցին և նայեցին իրար։
 
― Շուտ փախեք, քանի դեռ Լիմոնուկը տագնապ չի բարձրացրել, ― բացականչեց Չիպոլինոն։
 
Կալանավորներն է՛լ չսպասեցին, որ իրենց նորից ասեն, և մեկը մյուսի հետևից թռան փոսի մեջ։
 
Չիպոլինոն տխուր նայեց նրանց հետևից, բայց հանկարծ զգաց, որ իր ոտքերից բռնում են։ Ընկերները գլխի ընկան, որ նա ուզում է մնալ, և առանց երկար֊բարակ մտածելու, քարշ տվեցին ստորանցքի մեջ։
 
― Հիմար մի՛ եղիր, ― ասում էին նրանք, ― եթե ազատ լինես, ավելի շուտ կօգնես հորդ։ Փախչե՛նք, փախչե՛նք, քանի ուշ չէ։
 
― Սպասե՜ք, ես էլ եմ գալիս, ― անսպասելի կերպով ձայն տվեց Լիմոնուկը, որը վերջապես հասկացավ ամեն ինչ։
 
― Ես էլ ձեզ հետ կգամ։ Ինձ մի՛ թողեք, թե չէ իշխանը ձեր պատճառով ինձ կկախի։
 
― Լավ, նրան էլ մեզ հետ վերցնենք, ― համաձայնեց Չիպոլինոն։ ― Չէ՞ որ մենք այս Լիմոնուկին էլ ենք պարտական, որ մեզ այսքան հեշտ հաջողվեց փախչել։
 
― Շտապեցեք, ― լսվեց մի խուլ ձայն նրա հետևում, ― այստեղ անտանելի լույս է, և ես բոլորովին չեմ ուզում կուրանալ կամ արեվահար լինել։
 
― Իմ բարի ծերուկ, Խլուրդ, ― ասաց Չիպոլինոն, ― մի ինքդ մտածիր, մի՞թե ես կարող եմ փախչել։ Հայրս հիվանդ է, իր խցում փակված։
 
Խլուրդը ծոծրակը քորեց։
 
Ես գիտեմ նրա խուցը․ ― ասաց նա, ― ես լավ ուսումնասիրել եմ բանտի հատակագիծը, որ դու ուղարկել էիր ինձ։ Բայց մենք մի՞թե ժամանակ ունենք․ դու պիտի այդ մասին ինձ նախազգուշացնեիր։
 
Նա ազդանշան տվեց, և անմիջապես մոտ հարյուր խլուրդ հավաքվեց։
 
― Տղե՛րք, մենք պիտի մի անցք էլ փորենք, ա՛յ, մինչև բանտի այն անկյունը, ― ասաց ծեր Խլուրդը, ― հը՜, փորե՞նք թե չէ։
 
― Ի՞նչ հարց է դա, քառորդ ժամից պատրաստ կլինի։
 
Հազիվ էին նրանք ծերունուն ստորանցքով դուրս տարել, երբ Լիմոնուկները ներս մտան։ Նրանք ոտքի տակ էին տալիս ամբողջ բանտը, փնտրում կալանավորներին ու չէին հասկանում, թե ինչպես կարող էին նրանք անհայտանալ։
 
Երբ վերջապես բանտապահները գլխի ընկան, թե ինչ է տեղի ունեցել, այնպես վախեցան իշխանի կողմից պատժվելուց, որ իրենց հերթին զենքերը թափելով նետվեցին խլուրդների փորած ստորանցքի մեջ։
 
Դաշտ դուրս գալով, նրանք թաքնվեցին գյուղացիների տներում, դեն գցեցին լիմոնական համազգեստը և բանվորական շորեր հագան։
 
Ասում են, թե նրանք իրենց գլխարկների վրայի զանգակներն էլ դեն գցեցին։ Եկեք հավաքենք այդ զանգակներն ու փոքրիկներին տանք։ Թող ինչքան կուզեն զնգզնգացնեն։
 
Իսկ Չիպոլինո՞ն։ Հետո ի՞նչ եղավ նա։
 
Ծեր Խլուրդը և Չիպոլինոն, կարծելով, թե բանտից փախած Լիմոնուկները իրենց հետևից են ընկել, ուրիշ անցք փորեցին։ Ահա թե ինչու Լիմոնուկներն այնպես էլ չհասան նրանց։
 
Հապա որտե՞ղ են նրանք հիմա։
 
Սպասեցեք՝ կիմանաք։
 
 
==Գլուխ քսանյոթերորդ==
 
Մրցություն արգելակներով
 
 
Իշխանը մեծ տոնախմություն կազմակերպեց։
 
― Իմ հպատակներին զվարճալիքներ են պետք, ― վճռեց իշխան Լիմոնը, ― այդ դեպքում նրանք իրենց կարիքների և դժբախտությունների մասին մտածելու ժամանակ չեն ունենա։
 
Նա որոշեց ձիարշավ կազմակերպել, որին պետք է մասնակցեին բոլոր առաջին, երկրորդ և երրորդ կարգի պալատական Լիմոնները։ Հասկանալի է, որպես հեծյալներ և ոչ թե ձիեր։
 
Դրանք առանձնահատուկ մրցումներ էին։ Ձիերը պետք է քաշեին արգելակված անիվներով կառքեր։
 
Մրցությունից առաջ ինքը իշխանը ստուգեց բոլոր արգելակները, որպեսզի տեսնի, գործո՞ւմ են դրանք թե չէ։
 
Արգելակները այնքան լավ էին գործում, որ անիվները բոլորովին չէին պտտվում։ Այդ իսկ պատճառով կառք քաշելը ձիերի համար հարյուրապատիկ դժվարանում էր։
 
Երբ իշխանն ազդանշան տվեց, ձիերը սմբակները խփեցին գետնին, սանձերից փրփուր թափելով, բոլոր մկանները լարեցին, բայց կառքերը նույնիսկ տեղից չշարժվեցին։ Այդ ժամանակ հեծյալ֊Լիմոններն սկսեցին ձիերին հարվածել իրենց երկար խարազաններով։ Դա օգնեց։ Կառքերը մի քանի սանտիմետր առաջ գնացին, և իշխանը սկսեց ուրախ ծափահարել։ Հետո ինքը դուրս եկավ հրապարակ ու սկսեց ձիերին ամբողջ ուժով խփել։ Ըստ երևույթին այդ զբաղմունքը նրան մեծ հաճույք էր պատճառում։
 
Նրան հաճույք պատճառելու համար, Լիմոնները գոչում էին․
 
― Ձերդ մեծություն, բարի եղեք իմ ձիերին էլ խփել։
 
Իշխան Լիմոնը ինչքան ուժ ուներ խարազանը շրխկացնում էր։ Կառքերի վրա կանգնած հեծյալները նույնպես սկսեցին հարվածներ տեղալ։ Խարազանի ամեն մի հարված ձիու մեջքին սպիտակ, երկար շերտ էր բացում, բայց դա իշխանին բոլորովին չէր անհանգստացնում։ Նա շատ հպարտ էր, որ այդքան զվարճալի բան է հնարել։
 
― Ամեն մի ձի, եթե նրան ոչինչ չի խանգարում, կարող է վազել, ― ասում էր նա, ― իսկ ես ուզում եմ տեսնել, կարո՞ղ են արդյոք վազել, եթե նրանց խանգարում են։
 
Խեղճ ձիերը, որ ցավից ու լարումից կատաղել էին, քիչ էր մնում ցած ընկնեին։
 
Հանդիսականները զայրանում էին, բայց ստիպված էին նայել այդ վայրենի մրցությանը, ավելի ճիշտ՝ տանջանքին, որովհետև եթե իշխանը որոշել էր, որ նրանք պետք է զվարճանային, ապա նրանց բռնությամբ էին զվարճացնում։
 
Բայց հանկարծ իշխանը՝ հարվածելու համար բարձրացրած խարազանը ձեռքին՝ քարացավ և աչքերն այնպես չռեց, որ քիչ էր մնացել տեղից դուրս թռչեին։ Նրա ոտքերն սկսեցին դողալ, դեմքն ավելի դեղնեց, և դեղին գլխարկի տակ մազերը բիզ֊բիզ կանգնեցին, այնպես որ ոսկե զանգակիկն սկսեց հուսահատ զնգզնգալ։
 
Իշխանը տեսավ, թե ինչպես ուղիղ իր ոտների մոտ հողը սկսեց քանդվել։ Այո՛, այո՛, հողը քանդվեց։
 
Ակզբում մի ճեղք երևաց, հետո էլի ճեղքեր երևացին, ապա մի փոքրիկ բլրակ բարձրացավ՝ նրանցից, որ խլուրդներն են դաշտում շինում։ Հետո բլրակի գագաթին մի անցք բացվեց։ Այդ անցքը լայնացավ և այնտեղ սկսեց երևալ մի գլուխ, հետո ուսեր և ինչ֊որ կենդանի էակ արմունկների ու ծնկների օգնությամբ հողի երես բարձրացավ։ Դա Չիպոլինոն էր։
 
Անցքի միջից լսվեց Խլուրդի անհանգստացած ձայնը․
 
― Ե՛տ դարձիր, Չիպոլինո, մենք սխալվել ենք, սիրելիս, ե՛տ դարձիր։
 
Բայց Չիպոլինոն արդեն ոչինչ չէր լսում։ Ուղիղ իր դիմաց տեսնելով խարազանը ձեռքին քարացած, աղե արձան դարձած իշխանի գունատ, քրտնակալած դեմքը, Չիպոլինոն կատաղությունից սկսեց դողալ։
 
Բոլորովին չմտածելով, թե ինչ է անում, տղան նետվեց իշխանի վրա և նրա ձեռքից խարազանը խլեց։ Իշխանը դեռ ուշքի չէր եկել, երբ Չիպոլինոն, խարազանը օդում թափահարելով, ինչքան ուժ ուներ խփեց նրա մեջքին։ Իշխանն այնպես էր ապշել, որ փախչելու փորձ չէր անում։
 
― Օ՜, օ՜, օ՜, ― ոռնաց նա։
 
Չիպոլինոն նորից խարազանը քաշեց և այս անգամ ավելի ուժգին հարվածեց։
 
Միայն դրանից հետո իշխանը շուռ եկավ և պո՛ւկ, փախավ։
 
Դա ազդանշան էր։ Չիպոլինոյից հետո բանտից փախած մյուս կալանավորներն էլ գետնի տակից դուրս եկան։
 
Ժողովուրդը նրանց դիմավորեց ուրախության ճիչերով։ Հայրերը տեսան որդիներին, կանայք տեսան ամուսիններին։
 
Մի ակնթարթում ոստիկանության շղթան կտրվեց, և ժողովուրդը լցվելով մրցահրապարակ, ազատագրված գերիներին ձեռքերի վրա առաջ տարավ։
 
Պալատական հեծյալները ուզում էին իրենց կառքերով փախչել, բայց ինչքան էլ մտրակում էին ձիերին, անիվները տեղից չէին շարժվում։ Պալատականներին բռնեցին և ձեռքերն ու ոտները կապեցին։
 
Սակայն իշխանն այնուամենայնիվ կարողացավ բարձրանալ իր կառքը, որը մրցումներին չէր մասնակցում և արգելակներ չուներ։ Նա կարողացավ ժամանակին փախչել։ Բայց վախեցավ իր պալատում թաքնվել և մոլեգին ճիչերով ձիերին քշելով, սլացավ դաշտ։ Հնազանդ ձիերը այնպես քառատրոփ սլացան, որ կառքը վերջ ի վերջո շուռ եկավ, և իշխանը գլխիվայր ընկավ մի փխրուն կույտի մեջ, որը դաշտերը պարարտացնելու համար էր նախատեսված։
 
― Ամենահարմար տեղն է նրա համար, ― կասեր Չիպոլինոն, եթե տեսներ, թե ի՛նչ պատահեց իշխանի հետ։
 
 
==Գլուխ քսանութերորդ==
 
Սինյոր Պոմիդորը եղանակի հարկ է նշանակում
 
 
Այն ժամանակ, երբ քաղաքում տեղի էին ունենում այս դեպքերը, կոմսուհի Բալերի Պոմիդորը հավաքել էր գյուղի բոլոր բնակիչներին, որպեսզի նրանց մի շատ կարևոր որոշում հայտնի։
 
Դատարանի նախագահը, իհա՛րկե, էլի նույն ասպետ Պոմիդորն էր, փաստաբանը՝ Սիսեռիկը, իսկ քարտուղարը՝ սինյոր Մաղդանոսը։ Ձախ ձեռքով նա արձանագրում էր կողմերի ճառերը և դատարանի վճիռը, իսկ աջ ձեռքում բռնել էր իր վանդակավոր թաշկինակը, որը նա գործածում էր գրեթե ամեն րոպե։ Ժողովուրդը լրջորեն անհանգստացած էր, որովհետև ամեն մի դատական նիստի միայն տհաճություններ էին հաջորդում։
 
Անցյալ նիստին տրիբունալը որոշել էր, որ գյուղում ոչ միայն հողը, այլև օդը պատկանում է կոմսուհի Բալերին, դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր շնչում էին, պետք է օդի վարձակալության համար փող վճարեին։ Ամիսը մեկ անգամ ասպետ Պոմիդորը շրջում էր գյուղի տներն ու գյուղացիներին ստիպում, որ իր ներկայությամբ խոր շնչեին։ Շնչելիս և արտաշնչելիս նա հերթով չափում էր նրանց կրծքի ծավալը, հետո հաշվում էր և որոշում, թե ամեն մի սպառող ինչքան պիտի վճարի։ Քավոր Դդումը, ինչպես հայտնի է, շատ էր հառաչում, դրա համար էլ բոլորից շատ էր վճարում։
 
Իսկ հիմա տեսնես ամրոցի տերերը ի՞նչ են պահանջելու գյուղացիներից։
 
Ասպետ Պոմիդորն առաջինը խոսք վերցրեց և խոր լռության մեջ արտասանեց․
 
― Վերջին ժամանակներս ամրոցի եկամուտները նկատելիորեն պակասել են։ Իսկ դուք գիտեք, որ մեր խեղճ կոմսուհիները, որ այրի են և լրիվ որբեր, ապրում էին միայն իրենց պատկանող հողերի եկամուտով ու, բացի իրենցից, ստիպված են պահել նաև իրենց ազգականներին՝ հերցոգ Մանդարինին և Բարոն Նարնջին, որպեսզի նրանք սովից չմեռնեն․․․
 
Վարպետ Խաղողը թաքուն նայեց բարոնին, որն անկյունում նստած, աչքերը համեստորեն խոնարհած՝ իր քաղցը հագեցնում էր տապակած նապաստակով ու ճնճղուկների խավարտով։
 
― Այս ու այն կողմ նայելու կարիք չկա, ― խստությամբ գոռաց ասպետ Պոմիդորը։ ― Եթե դուք պիտի գլուխներդ շարժեք, ես կհրամայեմ շենքն ազատել։
 
Վարպետ Խաղողն շտապեց հայացքն ուղղել սեփական կոշիկների քթերին։
 
― Մեր ազնիվ կոմսուհիները, մեր մեծապատիվ տիրուհիները, դատարանին մի խնդրանք են ներկայացրել, գրված, ինչպես օրենքն է պահանջում, դրոշմաթղթի վրա, որպեսզի պահանջեն ճանաչել իրենց անկապտելի իրավունքներից մեկը․․․ Փաստաբան, փաստաթուղթը կարդացեք։
 
Սինյոր Սիսեռիկը ոտքի ելավ, հազաց, թոքերը լցրեց օդով և դանդաղ ու ազդեցիկ տոնով սկսեց կարդալ․
 
― «Ներքո ստորագրյալ կոմսուհի Ավագը և կոմսուհի Կրտսերը, որոնք սերում են Բալերի հարգելի տոհմից, հաստատում են, որ լինելով իրենց դաստակերտի օդի տերերը, նրանք պետք է ճանաչվեն նաև տարվա ընթացքում տեղացող մթնոլորտային տեղումների տերերը։ Այս պատճառով էլ նրանք դատարանից պահանջում են հաստատել, որ գյուղի ամեն մի բնակիչ պարտավոր է վճարել հասարակ անձրևի համար՝ հարյուր լիր, ամպրոպախառն ու կայծակնախառն տեղատարափ անձրևի համար՝ երկու հարյուր լիր, երեք հարյուր լիր՝ ձյան և չորս հարյուր լիր կարկուտի համար»։ Ստորագրություններ՝ «կոմսուհի Բալ Ավագ, կոմսուհի Բալ կրտսեր»։
 
Սինյոր Սիսեռիկը նստեց․
 
Նախագահը հարցրեց․
 
― Դուք ասում եք, որ խնդրագիրը գրված է դրոշմաթղթի վրա՞։
 
― Այո, սինյոր նախագահ, ― նորից ոտքի թռչելով պատասխանեց սինյոր Սիսեռիկը, ― դրոշմաթղթի։
 
― Երկու կոմսուհիների ստորագրությունների իսկությունը հաստատվա՞ծ է։
 
― Հաստատված է։
 
― Հրաշալի է, ― հայտարարեց սինյոր Պոմիդորը, ― եթե խնդրագիրը գրված է դրոշմանիշի վրա և ստորագրություններն իսկական են, ապա ամեն ինչ պարզ է։
 
Դատարանը գնում է խորհրդակցելու։
 
Ասպետը ոտքի ելավ, փաթաթվեց սև թիկնոցի մեջ, որն անընդհատ ընկնում էր նրա ուսերից, և գնաց հարևան սենյակը վճիռ կայացնելու։
 
Ջութակահար Տանձը հրեց իր հարևան Սոխ Պրասին և շշուկով հարցրեց․
 
― Քո կարծիքով արդարացի՞ է, որ մենք կարկտի համար էլ պետք է վճարենք։ Դե անձրևի, ձյան համար հասկանում եմ, դրանք ցանքերին օգուտ են բերում։ Բայց կարկուտն առանց այն էլ մեծ դժբախտություն է, իսկ դրա համար ամենից շատ են պահանջում։
 
Սոխ Պրասը չպատասխանեց, նա մտախոհ հարդարում էր իր երկար բեղերը։
 
Վարպետ Խաղողը շփոթված՝ գրպաններն էր քրքրում։ Նա բիզն էր փնտրում, որպեսզի ծոծրակը քորի, բայց հանկարծ հիշեց, որ նախքան դահլիճ մտնելը գյուղի բնակիչները պետք է հրազենը և սառը զենքը հանձնեին։ Հրազեն նրանց մոտ չկար, բայց բիզը սառը զենք համարեցին։
 
Սպասելով դատավճռին, սինյոր Մաղդանոսը աչքը չէր կտրում ներկա եղողներից և մատյանում գրում էր․
 
«Տանձը փսփսում էր։ Սոխ Պրասը բեղերն էր հարդարում։ Սանամեր Դդումը անընդհատ շարժվում էր։ Քավոր Դդումը երկու անգամ խոր հառաչեց»։
 
Այդպես իր ընկերների անուններն է գրում այն դպրոցականը, որին ուսուցչուհին հանձնարարել է մինչև իր գալը հսկել դասարանին։
 
«Կարգապահները» սյունակում սինյոր Մաղդանոսը գրեց․
 
«Հերցոգ Մ․ իրեն հիանալի է պահում։ Բարոն Ն․ շատ լավ։ Նա տեղից չի շարժվում, ձայն չի հանում և երեսունչորսերորդ ճնճղուկն է ուտում»։
 
«Է՜խ, ― բիզ չունենալու պատճառով եղունգներով ծոծրակը քորում ու մտածում էր վարպետ Խաղողը, ― եթե մեր Չիպոլինոն այստեղ լիներ, այս ամբողջ այլանդակությունը չէր լինի։ Այն օրվանից, ինչ Չիպոլինոն բանտում է, մեզ հետ վարվում են ինչպես ստրուկների։ Մենք չենք կարող շարժվել առանց սինյոր Մաղդանոսի մատյանն ընկնելու»։
 
Բանն այն է, որ բոլորը, ովքեր ընկնում էին սինյոր Մաղդանոսի «մեղանչածները» սյունակը, պիտի տուգանք վճարեին։ Վարպետ Խաղողը գրեթե ամեն օր տուգանք էր վճարում, իսկ երբեմն էլ օրական երկու տուգանք։
 
Վերջապես դատարանը, այսինքն՝ ասպետ Պոմիդորը, վերադարձավ նիստերի դահլիճ։
 
― Ոտքի՛, ― հրամայեց սինյոր Մաղդանոսը, բայց ինքը մնաց նստած։
 
― Ուշադրություն, հիմա կհայտնեմ դատավճիռը, ― ասաց ասպետը, ― լսելով կոմսուհի Բալերի խնդրանքը, դատարանը որոշեց հաստատել, որ վերոհիշյալ կոմսուհիները անձրևի, ձյան և կարկուտի, ինչպես նաև երկնքի կողմից ուղարկված ամեն տեսակ լավ ու վատ եղանակների համար հարկ հավաքելու իրավունք ունեն։ Այդ պատճառով էլ դատարանը հաստատում է հետևյալը․ Բալերին պատկանող գյուղի ամեն մի բնակիչ պարտավոր է եղանակի համար վճարել կոմսուհիների պահանջած գումարից երկու անգամ ավելի․․․։
 
Դահլիճում տրտունջներ լսցեցին։
 
― Լռե՛լ, ― ճչաց ասպետ Պոմիդորը, ― եթե չէ անմիջապես կհրամայեմ շենքը ազատել։ Ես դեռ չեմ ավարտել․ «Դատարանը վճռեց, որ վերոհիշյալ քաղաքացիները պարտավոր են նաև հարկ վճարել ցողի, եղյամի, մառախուղի և խոնավության մյուս տեսակների համար։ Վճիռը ուժի մեջ է մտնում այսօրվանից»։
 
Բոլորը վախեցած նայեցին պատուհաններին, հույս ունենալով, թե պարզ երկինք կտեսնեն։ Սակայն պարզվեց, որ երկինքը սև, ամպրոպային ամպերով է պատած։ Պատուհանների ապակիներին մի քանի կարկուտ կպավ։
 
«Աստված իմ», ― ծոծրակը քորելով մտածեց վարպետ Խաղողը, ― արի և ութ հարյուր լիր վճարիր։ Անիծվա՛ծ ամպեր»։
 
Սինյոր Պոմիդորն էլ պատուհանից դուրս նայեց, և նրա կարմիր ու լայն դեմքը ուրախությունից փայլատակեց։
 
― Ձերդ ողորմածություն, ― ասաց սինյոր Սիսեռիկը, ― շնորհավորում եմ ձեզ։ Ձեր բախտը բերեց, բարոմետրը իջնում է, ուժեղ անձրև է լինելու։
 
Բոլորը ատելությամբ նայեցին փաստաբանին։ Սինյոր Մաղդանոսը արագ նայեց ներկաներին և մատյանում գրանցեց նրանց, ում աչքերում կարելի էր հանդիմանություն կարդալ։
 
Երբ իրոք կայծակով, ամպրոպով և կարկուտով անձրևն սկսվեց, սինյոր Սիսեռիկը սինյոր Մաղդանոսին ուրախացած աչքով արեց, իսկ վարպետ Խաղողը կատաղությունից հազիվ էր շնչում և ստիպված էր ավելի սևեռուն նայել իր կոշիկներին, որպեսզի տուգանքի չենթարկվի։
 
Գյուղի բնակիչները նայում էին տեղատարափին, ինչպես մի կատարյալ դժբախտության։ Նրանց թվում էր, թե որոտն ավելի սարսափելի է, քան թնդանոթաձգությունը, իսկ կայծակները կարծես խփում էին ուղիղ նրանց սրտին։
 
Սինյոր Մաղդանոսը քիմիական մատիտը թքոտելով, սկսեց արագ հաշվել, թե այդ աստվածային ողորմությունից ամրոցի տերերն ինչքա՛ն կշահեն։ Բավական ազդեցիկ թիվ ստացվեց, իսկ տուգանքների հետ հաշված՝ ավելի ազդեցիկ։
 
Սանամեր Դդումը լաց եղավ։ Սոխ Պրասի կինը ընկնելով ամուսնու ուսին և նրա բեղերով արցունքները սրբելով, հետևեց սանամեր Դդումի օրինակին։
 
Ասպետ Պոմիդորը սարսափելի կատաղեց և ոտները հատակին խփելով, բոլորին դահլիճից դուրս արեց։
 
Գյուղացիները դուրս եկան կարկտախառն անձրևի տակ և դանդաղ գնացին գյուղ։ Չէին էլ շտապում։ Կարկուտը զարնվում էր դեմքերին, անձրևի շիթերը հոսում էին շորերի տակ, բայց նրանք կարծես դա չէին էլ զգում։ Երբ մարդ մեծ վիշտ է ունենում, մանր բաներն արդեն չի տեսնում։
 
Գյուղ հասնելու համար հարկավոր էր կտրել անցնել երկաթուղին։ Գյուղացիները ուղեփակոցի մոտ կանգ առան, քանի որ մի րոպեից հետո գնացք պիտի անցներ։ Ուղեփակոցի մոտ գնացքին նայելը միշտ էլ հետաքրքիր է։ Տեսնում ես, թե ինչպես է փնչալով ու ծուխ արձակելով անցնում շոգեքարշը, որի պատուհանից նայում են ուղևորները՝ թիկնոցավոր գյուղացիներ, կանայք, երեխաներ, որոնք տոնավաճառից են վերադառնում․․․
 
Ահա և սև շալով մի գյուղացի կին, իսկ վերջին վագոնում․․․
 
― Օ՜, երկինք, ― բացականչեց սանամեր Դդումը, ― հլա նայեք վերջին վագոնին։
 
― Կարծես թե, ― երկչոտ ասաց քավոր Դդումը, ― կարծես թե արջեր են այնտեղ․․․
 
Եվ իրոք, վագոնի պատուհանի մոտ երեք արջ էին կանգնած և հետաքրքրությամբ նայում էին դուրս։
 
― Չտեսնված բան, ― ծոր տվեց Սոխ Պրասը։ Զարմանքից նրա բեղերը ցցվել էին։
 
Հանկարծ երեք արջերից մեկը գլխով ու թաթով արեց, կարծես ողջունում էր ուղեփակոցի մոտ կանգնած անձրևի տակ թրջվող մարդկանց։
 
― Ի՞նչ է ատմաները ցցում, ― փնթփնթաց վարպետ Խաղողը, ― մի սրան տես, արջ է, բայց էլի ձեռ է առնում մեզ։
 
Բայց արջը շարունակում էր գլխով անել, և երբ գնացքն անցավ, նա գլուխը դուրս հանեց և թաթն այնպես թափահարեց, որ քիչ էր մնում ցած ընկնի։ Լավ էր, որ մյուս արջերը ժամանակին բռնեցին ու ետ քաշեցին նրան։
 
Մեր բարեկամները կայարան հասան հենց այն ժամանակ, երբ գնացքը կանգ առավ։ Արջերն առանց շտապելու վագոնից դուրս եկան, և երեքից ամենամեծը տոմսերը ցույց տվեց հսկիչին։
 
― Սրանք երևի կրկեսի ակրոբատ արջեր են, ― ասաց վարպետ Խաղողը, ― երևի ներկայացում պիտի տան։ Հիմա փայտե սուլիչը ձեռքին՝ կերևա նրանց սանձահարող ծերուկը։
 
Սանձահարողն իսկապես հայտնվեց, բայց ոչ թե ծերուկ, այլ կանաչ գլխարկով, ծունկը կարկատած կապույտ շալվարով մի տղա։ Նրա դեմքը աշխույժ էր, ուրախ և կարծես գյուղի բնակիչներին բոլորին էլ շատ ծանոթ։
 
― Չիպոլի՜նո, ― նրա կողմը նետվելով, բացականչեց Խաղողը։
 
Այո՛, դա իրոք Չիպոլինոն էր։ Գյուղ վերադառնալուց առաջ նա կենդանաբանական այգի գնաց և արջերին ազատեց։ Այս անգամ պահակն այնքան խորն էր քնել, որ կարելի էր ոչ միայն արջերին, այլև Փղին տանել, եթե նա համաձայներ կենդաբանական այգուց փախչել։
 
Բակց ծեր Փիղը չէր հավատում, թե հասել է ազատության ժամը, և մնաց փղանոցում՝ իր հուշերը գրելու․․․
 
Ինչքա՜ն գրկախառնություն, համբույրներ, հարցուփորձ ու պատմություններ եղան։ Եվ այս բոլորը տեղատարափ անձրևի տակ։ Չէ՞ որ երբ ուրախանում ես, մանր բաները չես նկատում, նույնիսկ մրսելուց չես վախենում։
 
Ջութակահար Տանձը անընդհատ սեղմում էր ջահել արջի թաթը։
 
― Հիշո՞ւմ եք, ինչպես էիք պարում իմ նվագի տակ, ― ուրախ աչքով անելով հարցնում էր նա։
 
Արջը շատ լավ էր հիշում և անմիջապես, չսպասելով երաժշտության, նորից սկսեց պարել․ երեխաները ուրախացած ծափ տվին։
 
Պարզ է, Չիպոլինոյի վերադարձի մասին անմիջապես հայտնեցին Բալուկին։ Պատկերացրեք, թե հանդիպելիս ինչպիսի ջերմությամբ նրանք գրկախառնվեցին։
 
― Դե՛, իսկ հիմա գործից խոսենք, ― ասաց Չիպոլինոն, ― ես պետք է ձեզ հայտնեմ, թե ի՛նչ եմ մտադիր անել։
 
Քանի դեռ Չիպոլինոն բարեկամներին պատմում է, թե ինչ է մտադիր անել, գնանք տեսնենք, ի՛նչ է անում իշխան Լիմոնը։
 
 
==Գլուխ քսանիններորդ==
 
Ամպրոպ, որ ոչ մի կերպ չի վերջանում
 
 
Մենք իշխանին գոմաղբի կույտի մեջ այսքան երկար պահեցինք, որովհետև այդ ապաստարանում նա իրեն ավելի անվտանգ էր զգում, քան իր մայրաքաղաքում։
 
«Այստեղ խաղաղ է, տաք և հանգիստ, ― թքոտելով մտածում էր նա, ― ես այստեղ այնքան կմնամ, մինչև իմ զորքերը քաղաքում կարգ ու կանոն ստեղծեն»։
 
Ախր այդ գոռոզ, դաժան, բայց վախկոտ իշխանը մարտադաշտից ճողոպրեց առանց ետ նայելու և չգիտեր, որ իր զորքերը անցել են ժողովրդի կողմը, որ պալատականները բանտ են ընկել, և որ երկրում ազատ ռեսպուբլիկա է ստեղծվել։
 
Բայց երբ ուժեղ անձրև սկսվեց, և նրա սառը շիթերը ներծծվեցին գոմաղբի մեջ, իշխանը միտքը փոխեց։
 
«Այստեղ խոնավ է, ― վճռեց նա, ― հարկավոր է չոր տեղ փնտրել»։
 
Նա շուռ ու մուռ եկավ, թափ տվեց ոտքերը և վերջապես կարողացավ գոմաղբի միջից դուրս գալ։
 
Այստեղ միայն նա նկատեց, որ կոմսուհի Բալերի ամրոցի մոտերքումն է գտնվում։
 
«Ի՜նչ հիմարն եմ ես, ― ցեխոտված աչքերը տրորելով մտածեց նա, ― պառկել եմ այս անիծված գոմաղբի մեջ և չեմ էլ իմացել, որ այստեղից երկու քայլ է մինչև կոմսի ամրոցը, որտեղ այնքան տաք է ու հարմար»։
 
Իշխանը թափ տվեց շորերը և գնաց դեպի դարբասը, բայց հանկարծ խոսակցության ձայներ լսեց։ Նա թաքնվեց խոտի դեզի հետևը, որի կողքից աղմկելով մի խումբ մարդիկ անցան։ (Դուք գիտեք, թե ովքեր էին նրանք)։ Հետո իշխանը բարձրացավ ամրոցի աստիճաններով և զանգահարեց։ Դուռը բաց արեց Մորին։
 
― Ներեցե՛ք, պարոն, մեր տանտիրուհիները աղքատներին ոչինչ չեն տալիս, ― ասաց աղջիկը և դուռը ծածկեց ուղիղ նրա երեսին։
 
Իշխանը բռունցքներով խփեց դռանը։
 
― Բա՛ց արա, ես ի՞նչ աղքատ եմ։ Ես իշխա՛ն եմ, իշխան Լիմոնը։
 
Մորին նորից դուռը բաց արեց և կարեկցանքով նայեց նրան։
 
― Խե՛ղճ մարդ, հառաչելով ասաց նա, ― դու երևի կարիքից խելքդ թռցրել ես։
 
― Ի՞նչ կարիք, ես հարուստ եմ, շատ հարուստ։
 
― Նայելով քեզ, այդ չի կարելի ասել, ― գլուխն օրորելով ասաց Մորին։
 
― Ավել֊պակաս մի՛ խոսիր, գնա իմ մասին կոմսուհիներին զեկուցիր։
 
― Ի՞նչ է կատարվում այստեղ, ― հարցրեց սինյոր Մաղդանոսը, որն իր վանդակավոր թաշկինակով կատաղաբար մաքրելով քիթը, անցնում էր այդտեղից։
 
― Ի՞նչ պետք է լինի, այս աղքատը հավատացնում է, թե ինքը իշխան է։ Երևի խելագար է։
 
Սինյոր Մաղդանոսը անմիջապես իշխանին ճանաչեց, թեև նրան ճանաչելն այնքան էլ հեշտ բան չէր։
 
― Ես դիտմամբ եմ շորերս փոխել, որ ավելի մոտիկից ճանաչեմ իմ ժողովրդին, ― երևի իր անսովոր տեսքն արդարացնելու համար, ասաց իշխան Լիմոնը։
 
― Խնդրե՛մ, խնդրե՛մ, ձերդ մեծություն, մենք այնքա՜ն երջանիկ ենք, որ տեսնում ենք ձեզ, ― բացականչեց սինյոր Մաղդանոսը և փորձեց իշխանի կեղտոտ ձեռքը համբուրել։
 
Մի ահեղ հայացք նետելով Մորու վրա, իշխանը մտավ ներս։ Կոմսուհիները տարօրինակ հյուրին տեսնելով, սարսափեցին, բայց երբ իմացան նրա ով լինելը, իրար խանգարելով սկսեցին գովել նրան իր հպատակների նկատմամբ ունեցած հոգատարության համար։
 
― Օ՜, ձերդ մեծություն, դուք բոլորովին թրջվել եք։ Աշխարհում ո՛չ մի իշխան այսպիսի եղանակին փողոց դուրս չէր գա։
 
Ես ուզում էի իմանալ, թե ինչպես է իմ ժողովուրդն ապրում, ― պատասխանեց իշխանն առանց կարմրելու․ չէ՞ որ Լիմոնները երբեք չեն կարմրում։
 
― Ձերդ մեծություն, իսկ ի՞նչ տպավորություն ստացաք, ― հարցրեց կոմսուհի Ավագը։
 
― Իմ ժողովուրդը միանգամայն երջանիկ է ու գոհ, ― հայտարարեց իշխանը, ― իմ ժողովրդից երջանիկ ժողովուրդ չկա։ Ա՛յ, քիչ առաջ իմ մոտով մի շատ ուրախ խումբ անցավ․․․ նրանց համար նույնիսկ անձրևը դատարկ բան էր։
 
Իշխանը չէր էլ իմանում, որ իսկական ճշմարտություն է ասում․ այդ օրն իսկապես նրա ֊ժողովուրդն երջանիկ էր, որովհետև իշխանից ազատվել էր։
 
― Ձերդ մեծությունը չի՞ ուզում ձիեր պահանջել, որպեսզի պալատ վերադառնա, ― հարցրեց սինյոր Պոմիդորը։
 
― Ո՛չ, ո՛չ, ոչ մի դեպքում, ― տագնապով պատասխանեց իշխանը, ― ես կսպասեմ մինչև այդ սարսափելի ամպրոպը վերջանա։
 
― Ես թույլ եմ տալիս ինձ խոր հարգանքով նշել, ― մի փոքր մտահոգված ասաց սինյոր Պոմիդորը, ― որ ամպրոպը վաղուց արդեն անցել է, և դրսում նորից արև է։
 
― Արև՞, ― ցասկոտ հարցրեց իշխանը, ― դուք համարձակվում եք ինձ հակաճառե՞լ։
 
― Ես ուղղակի չեմ հասկանում, թե դուք ինչպե՞ս եք հանդգնում, ― միջամտեց բարոն Նարինջը։ ― Եթե նորին մեծությունը գտնում է որ ամպրոպ է, ուրեմն այդպես էլ կա։ Մի՞թե անձրևի ձայնը չեք լսում։
 
Բոլորն շտապեցին բարոնի հետ համաձայնել։
 
― Ա՜խ, այդ ամպրոպը վերջ չունի, ― ասաց կոմսուհի Ավագը և նայեց պատուհանից դուրս, որտեղ արևից անձրևի կաթիլները շողշողում էին ծաղկաբաժակներում։
 
― Սարսափելի տեղատարափ է, նայե՛ք, ուղղակի խշշում է, ― նայելով, թե ինչպես են ոսկի ձկնիկները ավազանում խաղում ամպի տակից դուրս եկած արևի շողի հետ, հաստատեց կոմսուհի Կրտսերը։
 
― Լսո՞ւմ եք, թե ինչպես է որոտը ճայթում, ― կեղծ սարսափով ծածկելով ականջները և աչքերը փակելով, մեջ մտավ հերցոգ Մանդարինը։
 
― Մորի՛, Մորի՛, որտե՞ղ ես, ― նվաղած ձայնով կանչեց կոմսուհի Ավագը, անմիջապես բոլոր տախտակափեղկերը ծածկիր, բոլո՛րը։
 
Մորին տախտակափեղկերը ծածկեց, և սենյակը նկուղի նման մթնեց։
 
Շուտով մոմերը վառվեցին, և պատերի վրա սկսեցին թրթռալ հսկայական ստվերները։
 
Սինյորա կոմսուհի Ավագը հառաչեց․
 
― Ախ, ի՛նչ սարսափելի գիշերային ամպրոպ է։
 
Իշխան Լիմոնը իսկապես սարսափեց։
 
Սարսափելի գիշեր է, ― ատամները կափկափելով ասաց նա։
 
Մնացած բոլորը քաղաքավարության համար սկսեցին դողալ, կարծես տենդի մեջ լինեին։
 
Սինյոր Պոմիդորը գաղտնի մոտեցավ պատուհանին և, տախտակափեղկերը փոքր֊ինչ բացելով, համարձակվեց զեկուցել․
 
― Ներողություն եմ խնդրում ձերդ մեծությունից, բայց ինձ թվում է, թե ամպրոպը վերջանում է։
 
Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ― նկատելով արևի թեք ճառագայթը, որ փորձում էր թափանցել սենյակ, ճչաց իշխանը։
 
Ասպետ Պոմիդորը տախտակափեղկերն շտապով փակեց և հաստատեց, որ իրոք առաջվա նման տեղատարափ անձրև է գալիս։
 
― Ձերդ մեծություն, ― երկչոտ առաջարկեց բարոն Նարինջը, որն ուզում էր որքան կարելի է շուտ սեղան նստել, ― չէի՞ք ուզենա ճաշել․․․ այսինքն, ներողություն, ընթրել։
 
Բայց նորին մեծությունը ոչ ճաշել էր ուզում և ոչ էլ ընթրել։
 
Բարոնը չէր կարողանում հասկանալ, թե եղանակը ի՞նչ գործ ունի ախորժակի հետ, բայց քանի որ բոլորը իշխանի հետ համաձայնեցին, ինքն էլ համաձայնեց։
 
― Ձերդ մեծություն, ես հենց այնպես առաջարկեցի։ Ի՞նչ ուտելու ժամանակ է։ Կայծակից ու որոտից կոկորդս այնպես է խեղդվում, որ հավի ճուտն էլ հիմա չեմ կարող կուլ տալ։
 
Բայց իրականում նա այնքան քաղցած էր, որ եթե նորին մեծությունից չվախենար, հաճույքով երկու աթոռ կկրծեր։
 
Վերջապես իշխանն այդ օրվա տանջանքներից ու հուզումներից հոգնած, հենց աթոռի վրա էլ պինդ քնեց։ Մնացածները նրան վերմակով ծածկեցին և գնացին ճաշասենյակ ընթրելու։ Այդ ժամանակ արդեն իսկապես սկսել էր մթնել։
 
Ընթրելիս ասպետ Պոմիդորը շատ քիչ կերավ, իսկ հետո քանի որ քունը տանում էր, կոմսուհիներից թույլտվություն խնդրեց հեռանալու։
 
Բայց սինյոր Պոմիդորը քնելու չգնաց․ նա թաքուն մտավ այգի և այնտեղից գնաց գյուղ։
 
«Ի՞նչ է պատահել, քայլելով մտածում էր նա, ― իշխանը կարծես անհանգստացած է։ Դա շատ կասկածելի է։ Ես իսկի չեմ զարմանա, եթե պարզվի, որ ռևոլյուցիա է տեղի ունեցել»։
 
Այդ բառից նա ամբողջովին փշաքաղվեց։ Նա իրենից այդ միտքը վանեց, բայց նորից ու նորից սկսեց վերադառնալ այդ անհանգստացնող մտքին։ Այդ ահեղ բառը ուղղակի թռչկոտում էր նրա աչքի առաջ, իր ամեն մի տառով վախեցնում Պոմիդորին։ Ռ֊Ե֊Վ֊Ո֊Լ֊Յ֊Ու֊Ց֊Ի֊Ա։ Ռ֊Ռուր, Ե֊Եվրոպա, Վ֊Վենետիկ․․․ և այլն․․․ Ռևոլյուցիա․․․
 
Հանկարծ նրան թվաց, թե ինչ֊որ մեկը գալիս է իր հետևից։ Նա թաքնվեց ցանկապատի հետևը և սկսեց սպասել։ Մի րոպեից հետո, հեռվում երևաց սինյոր Սիսեռիկը, որ այնքան զգույշ էր քայլում, կարծես ոտքերը դնում էր հում ձվերի վրա։
 
Ասպետ Պոմիդորի վարմունքը դեռևս ճաշասենյակում փաստաբանին տարօրինակ թվաց։ Տեսնելով, որ Պոմիդորը սենյակից դուրս է գալիս, Սիսեռիկը շտապ հետևեց նրան։
 
«Այստեղ ինչ֊որ բան կա, ― մտածում էր նա, ― հարկավոր է ասպետին աչքից չկորցնել»։
 
Սինյոր Պոմիդորն ուզում էր արդեն թաքստոցից դուրս գալ, երբ հեռվում մի ուրիշ ստվեր երևաց։
 
Ասպետը նորից թաքնվեց ցանկապատի հետևը, որ սա էլ անցնի։
 
Սինյոր Սիսեռիկի հետևից գնացող մարդը սինյոր Մաղդանոսն էր։ Նա նկատել էր, թե ինչպես փաստաբանը ճաշասենյակից ծլկեց, և որոշեց գնալ նրա հետևից։ Բալուկի դաստիարակը իր անսահման մեծ ու զգոն քթով հոտոտեց, որ ինչ֊որ լուրջ բան է կատարվում, և չուզեց անտեղյակ մնալ։
 
Բայց սինյոր Մաղդանոսի մտքովն էլ չէր անցնում, որ իրեն նույնպես հետևում են։ Նրան կրնկակոխ հետևում էր հերցոգ Մանդարինը։
 
― Ես իսկի չեմ զարմանա, եթե հիմա բարոն Նարինջն էլ հայտնվի, ― ինքն իրեն ասաց սինյոր Պոմիդորըն ու իրեն չմատնելու համար շունչը պահեց։
 
Իրոք, շուտով լսվեց սայլակի ձայնը, և բարոնը երևաց։ Տեսնելով, որ հերցոգը տեղ է գնում, բարոնը ենթադրեց, թե իր մեծազարմ ազգականը որևէ հրավերքի է շտապում և, ի՞նչ խոսք, որոշեց միանալ նրան։ Խեղճ ձորձահավաքը սայլակը քաշելով՝ ծանրությունից փնչում էր և մթության մեջ ոչ ճանապարհի փոսերն էր տեսնում, ոչ էլ քարերը։ Ճռճռան սայլակը, որի վրա դրված էր բարոնի փորը, մեկ վեր էր թռչում, մեկ անդունդն ընկնում։ Յուրաքանչյուր թռիչքի ժամանակ կամ ընկնելիս բարոնի շունչը կտրվում էր, բայց նա ատամները սեղմում էր, որ պատահական ճիչով ու տնքոցով հանկարծ իրեն չմատնի։
 
Պարզվեց, որ բարոնը այդ տարօրինակ թափորում վերջինն է։
 
«Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ւր են սրանք գնում», ― մտածեց սինյոր Պոմիդորն ու թաքստոցից դուրս եկավ։
 
Այդպես էլ ամբողջ գիշերը նրանք գնում էին իրար հետևից․ սինյոր Սիսեռիկը իզուր տեղը մթության մեջ փնտրում էր սինյոր Պոմիդորին, որ իրականում ամենքից վերջումն էր։ Սինյոր Մաղդանոսը կրնկակոխ հետևում էր փաստաբանին, հերցոգը գնում էր սինյոր Մաղդանոսի հետևից, բարոնը աչքը չէր կտրում հերցոգից, իսկ Պոմիդորը գնում էր բարոնի հետքերով։ Բոլորն էլ ուշադիր հետևում էին առջևից գնացողի շարժումներին, չկասկածելով, որ իրենց էլ են լրտեսում։
 
Մի քանի անգամ Սիսեռիկն ու Մաղդանոսը տեղերը փոխեցին։ Մերթ սինյոր Մաղդանոսն էր ճարպկորեն շրջանցելով ընկնում Սիսեռիկից առաջ, մերթ Սիսեռիկն էր անցնում Մաղդանոսից։ Այդպես իրար հետևից պտտվելով, նրաք, հասկանալի է, որ ոչինչ էլ չիմացան, այլ միայն հալից ընկան։
 
Առավոտյան դեմ, այդ բոլոր պարոններն էլ որոշեցին վերադառնալ ամրոց։ Այգու ծառուղում հանդիպելով, նրանք քաղաքավարի գլուխ էին տալիս իրար և հարցնում միմյանց առողջությունը։ Իրենց գիշերային արկածների մասին նրանք որոշեցին լռել և անամոթաբար խաբում էին իրար։
 
― Որտե՞ղ էիք, ― սինյոր Սիսեռիկին հարցրեց սինյոր Պոմիդորը։
 
― Եղբորս կնունքն էր , գնացել էի այնտեղ։
 
― Ա՛յ քեզ զարմանալի բան․ մի՞թե գիշերը կնունք է լինում։
 
― Եղբայրս ցերեկը ավելի կարևոր գործ ուներ, ― պատասխանեց փաստաբանը։
 
Ասպետ Պոմիդորը քմծիծաղ տվեց։ Բանն այն է, որ սինյոր Սիսեռիկը ոչ մի եղբայր էլ չուներ և երբեք չէր ունեցել։
 
Մաղդանոսն ասաց, թե գնացել էր փոստ՝ վաղուց արդեն գոյություն չունեցող իր ծնողներին նամակ ուղարկելու։ Հերցոգն ու բարոնը առանց միմյանց հետ պայմանավորվելու ասացին, որ գնացել էին կարթով ձուկ բռնելու, թեև ոչ մեկի և ոչ էլ մյուսի մոտ կարթ չկար։
 
― Այդ ինչպե՞ս է, որ մենք ափին չհանդիպեցինք, ― հարցրեց բարոնը։
 
― Զարմանալի է, ― ասաց հերցոգը։
 
Բոլորն այնքան էին հոգնած, որ քայլում էին փակ աչքերով, դրա համար էլ նրանցից միայն մեկը նկատեց, որ ամրոցի աշտարակին ծածանվում է ազատության դրոշը։ Դրոշը Բալուկն ու Չիպոլինոն էին գիշերը կախել և հիմա, աշտարակին նստած, նրանք սպասում էին, թե ինչ կլինի հետո։
 
 
==Վերջաբան==
 
Որտեղ Պոմիդորը երկրորդ անգամն է լալիս
 
 
Նա, ով աշտարակի վրա առաջինը տեսավ ազատության դրոշը, սկզբում կարծեց, թե դա Բալուկի սարքած խաղը կլինի։ Նա կատաղած որոշեց անմիջապես պոկել այդ սարսափելի դրոշը, իսկ հետո ինչպես հարկն է դնքսել պատանի կոմսին, որն այս անգամ արդեն «ամեն չափ ու սահման անցավ»։
 
Եվ ահա այդ սինյորը զայրույթից շնչահատվելով վազում է աստիճաններն ի վեր։ Նա փնչում է, հազիվ է շնչում, ամեն մի քայլն անելիս չարությունից ավելի է կարմրում ու սառչում։ Ես վախենում եմ, թե վերև հասնելով, այլևս չկարողանա անցնել հարթակ տանող դռնակից։ Ահա լսում եմ նրա ոտնաձայները, որոնք լռության մեջ կարծես մուրճի հարվածներ լինեն։ Շուտով նա կլինի ամենաբարձր տեղում։ Կկարողանա՞ դռնակից անցնել թե չի կարողանա։ Դուք ի՞նչ եք կարծում։
 
Ահա նա հասավ հարթակին․․․ Դե ձեզնից ո՞վ ճիշտ գուշակեց։
 
― Լա՛վ, ես ձեզ կասեմ՝ ճիշտ գուշակեցին նրանք, ովքեր կարծում են, թե չի անցնի։ Եվ իսկապես, ասպետ Պոմիդորը (չէ՞ որ նա էր աստիճաններով բարձրացողը, մի՞թե չճանաչեցիք) չարությունից այնպես էր ուռել, որ դռնակը նրա մարմնից երկու անգամ նեղ էր։
 
Եվ ահա նա կանգնած է վերևում, քամուց ծածանվող սարսափելի դրոշից միայն երկու քայլ հեռու ու չի կարողանում պոկել այն, նույնիսկ ձեռքը չի հասնում։ Իսկ դրոշի կոթի մոտ, Բալուկի կողքին, որ այդ րոպեին շտապ֊շտապ ակնոցն էր սրբում, էլի մի հոգի կար․․․
 
Էլ ո՞վ կլինի դա, եթե ոչ Չիպոլինոն, ասպետի ատելի, երդվյալ թշնամին, որ մի անգամ արդեն նրան, սինյոր Պոմիդորին լացացրել էր։
 
― Բարի օր, սինյոր ասպետ, ― քաղաքավարությամբ գլուխ տալով, ասաց Չիպոլինոն։
 
― Զգո՜ւյշ, Չիպոլինո, քո այդ անտանելի քաղաքավարությամբ դու գլուխդ վտանգի տակ ես դնում։ Այն րոպեին, երբ դու ասպետ Պոմիդորին գլուխ ես տալիս, բավական է, որ նա ձեռքը մեկնի, որպեսզի բռնի քո մազերից, ինչպես մի անգամ գյուղում արեց․․․
 
Սինյոր Պոմիդորն այնպես է կատաղած, որ չի մտածում, թե ինչ է իրեն սպառնում։ Ահա նա բռնեց Չիպոլինոյի մազերից և այնպիսի ուժով ձգեց, որ Սոխի մազերից մի փունջ նորից մնաց նրա ձեռքին։
 
Նա դեռ ուշքի չէր եկել, երբ աչքերը կսկծացին, և ընկույզի մեծությամբ արտասուքները աչքերից գլորվեցին ու չփչփալով ընկան քարե հատակին։
 
Բայց այս անգամ ասպետ Պոմիդորի լալու պատճառը միայն Չիպոլինոյից պոկված մազափունջը չէր։ Նա լալիս էր կատաղությունից, որովհետև զգում էր իր ամբողջ անզորությունը․․․
 
«Այս ի՞նչ է, վե՞րջ, մի՞թե վերջն է սա», ― կատաղությունից ու արցունքներից խեղդվելով, մտածում էր նա։
 
Ես հաճույքով նրան թույլ կտայի, որ արցունքներից խեղդվեր, կամ աստիճաններից թեթև հրումով գլորվեր ցած, բայց Չիպոլինոն այնքան մեծահոգի էր, որ խնայեց, և սարսափահար սինյոր Պոմիդորն ինքը աշտարակից փախավ։ Նա ներքև էր վազում չորսական, երբեմն էլ վեցական աստիճան թռչելով, իսկ ներքև հասնելով, ծլկեց իր սենյակը, որտեղ նրան ոչ ոք չէր խանգարի, որ մի կուշտ լա։
 
Իսկ ի՞նչ եղավ հետո, երեխաներ։ Ա՜խ, ի՛նչ եղավ․․․
 
Իշխանը վերջապես արթնացավ, մի քիչ թափառեց ամրոցի սենյակներում և դուրս եկավ մաքուր օդ շնչելու։ Եվ հանկարծ նա էլ աշտարակի դրոշը տեսավ։ Սարսափից աչքերը փակելով, ինչքան ուժ ուներ ոտքերում՝ փախավ։ Այս կողմ այն կողմ վազելուց հետո, նորից դարբասից դուրս եկավ, մտավ իր հուսալի ապաստարանը՝ փափուկ գոմաղբի մեջ, մտածելով, որ այնտեղ իրեն ոչ ոք չի գտնի։
 
Բարոն Նարինջն էլ արթնացավ։ Նա նույնպես ցանկացավ մաքուր օդ շնչել և հրեց սայլակի մոտ քնած ծառային։ Առանց աչքերը բացելու, քնած Լոբին ծանր սայլակը քաշեց դուրս։
 
Ամրոցի բակում արևի կուրացուցիչ ճառագայթներն արթնացրին նրան։ Բայց միայն արևի կուրացուցիչ շողերը չէին կարևորը։ Լոբին աչքերը բարձրացրեց և տեսավ ամրոցի վրա ծածանվող դրոշը։ Կարծես թե նրա մատների միջով էլեկտրական հոսանք անցավ․․․
 
― Բռնի՛ր, բռնի՛ր սայլակը, ― ճչաց սարսափահար բարոն Նարինջը։
 
Բայց ո՜ւր․․․ Լոբին մատները բացեց, թողեց իր հին սայլակի բռնակը, և բարոնը մեջքի վրա ընկնելով, այնպես ուժեղ գլորվեց, ինչպես այն անգամ, երբ նա մի երկու տասնյակ գեներալ ճզմեց։ Վերջապես նա շրմփաց ոսկի ձկնիկներով ավազանի մեջ և մինչև կոկորդը թաղվեց ջրի մեջ։ Քիչ աշխատանք չթափեցին նրան այնտեղից հանելու համար։
 
Բակից բարոնի մոլեգին ճիչերը լսելով, հերցոգ Մանդարինը նետվեց դեպի ավազանը, թռավ մարմարե հրեշտակիկի վրա, որի բերանից շատրվան էր ցայտում, և օտարոտի ձայնով գոռաց․
 
― Է՜յ, հեռացրեք աշտարակի դրոշը, թե չէ ես ինձ ջուրը կնետեմ։
 
― Տեսնե՛նք, ― ասաց Լոբին և նրան հրեց ջրի մեջ։
 
Երբ հերցոգին ջրից հանեցին, նրա բերանում մի ոսկի ձկնիկ կար։ Խեղճ ձուկ․ երևի կարծում էր, թե ինչ֊որ քարայրի մեջ է մտնում, այնինչ սոված բերան էր ընկել․․․ Խաղաղություն նրա ոսկե լողակներին։
 
Այդ օրվանից իրադրությունները փոխվում էին չտեսնված արագությամբ, իրար հետևից։ Մենք էլ շտապենք․ օրերը թռչում են օրացույցից պոկված թերթերի նման, անցնում են շաբաթները, և մենք հազիվ ենք հասցնում որևէ բան տեսնել։ Այդպես երբեմն կինոյումն է լինում․ մեխանիկը ժապավենը չափից դուրս արագ է պտտեցնում։ Ձեր աչքերը հազիվ են նշմարում տները, մարդկանց, ձիերին, իսկ երբ ժապավենը վերջապես դանդաղում է և պտտվում սովորական արագությամբ, պարզվում է, որ շատ բան արդեն անցել է, և էկրանի վրա ամեն ինչ փոխված է․․․
 
Իշխանն ու կոմսուհիները հեռացան իրենց նախկին կալվածքներից։ Ինչ վերաբերում է իշխանին, ապա այդ միանգամայն հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ կոմսուհիները գնացին։ Չէ՞ որ ոչ ոք միտք չուներ պառավ կանանց ձեռք տալու կամ մի կտոր հացից զրկելու, կամ նրանցից օդի վարձ պահանջելու։ Բայց, վերջ ի վերջո, եթե նրանք իրենք են գնացել, ավելի լավ, բարի ճանապարհ։
 
Բարոնը նիհարեց, դարձավ իսկական այն մտրակը, որով նա մի ժամանակ քշում էր ծառային։
 
Սկզբնական շրջանում նա ստիպված էր բավական սոված մնալ։ Քանի որ սայլակը քաշող չկար, տեղից չէր շարժվում։ Այդ պատճառով էլ ստիպված էր սեփական ճարպի պաշարներով սնվել։
 
Բարոնը մոմի նման օրեցօր հալչում էր։ Երկու շաբաթում կորցրեց իր քաշի կեսը, իսկ այդ կեսը սովորական մարդուց երեք անգամ ծանր էր։ Երբ բարոնը կարողացավ առանց ուրիշի օգնության տեղից շարժվել, սկսեց փողոցներում ողորմություն խնդրել։ Բայց անցորդները ոչինչ չէին տալիս։
 
― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասում էին, ― այդքան առողջ մարդ ես և մուրացկանություն ես անում։ Գնա աշխատիր․․․
 
― Ախր ոչինչ անել չգիտեմ։
 
― Գնա կայարանում իրեր կրիր։
 
Բարոնն այդպես էլ արեց, և ծանրություն կրելուց նիհարեց, ճաղի նման ուղղվեց։ Իր հին կոստյումներից մեկից նա կես դյուժին նոր կոստյում կարել տվեց։ Սակայն հին կոստյումներից մի ձեռք նա այնուամենայնիվ պահեց։ Եթե դուք երբևէ այցելեք նրան, նա ձեզ թաքուն ցույց կտա այդ կոստյումը և հառաչելով կասի․
 
― Տեսե՛ք, դեռ վերջերս ես այսքան հաստ էի։
 
― Չի կարող պատահել, ― կզարմանաք դուք։
 
― Ի՞նչ է, չե՞ք հավատում, հա՞, ― դառնությամբ կծիծաղի բարոնը, ― հարցրեք մարդկանց, նրանք ձեզ կասեն։ Ա՜խ, ի՜նչ հիանալի ժամանակներ էին․․․ Մի օրում ես այնքան էի ուտոմ, ինչքան ինձ հիմա երեք ամիս կբավարարի։ Նայեք, թե ի՛նչ կուրծք ունեի, ի՛նչ փոր, ի՛նչ քամակ։ Իսկ հերցոգը։ Նա իսկի մատը մատին չի տալիս, որ մի կտոր հաց վաստակի, և ապրում է բարոնի հաշվին։ Ամեն անգամ, երբ ազգականը հրաժարվում է նրան ուտելիք տալուց, հերցոգը բարձրանում է լապտերի վրա և խնդրում է հայտնել կոմսուհիներին, որ նա ինքնասպանություն գործեց։ Եվ բարոնը, որ դեռ սրտում չաղ ժամանակից մնացած բարություն ուներ, ճաշը կամ ընթրիքը կիսում, տալիս էր հերցոգին ու հառաչում։
 
― Իսկ քավոր Դդումը, ա՛յ, էլ չի հառաչում։ Նա ամրոցի գլխավոր այգեպանն է դարձել, իսկ նախկին ասպետ Պոմիդորը նրա օգնականն է։
 
Ձեզ դուր չի՞ գալիս, որ սինյոր Պոմիդորին ազատ են թողել։ Դե, նա ինչքան պետք էր՝ բանտ նստեց, հետո ազատ արձակեցին։
 
Հիմա Պոմիդորը կաղամբ է ցանում և խոտ հնձում։ Երբեմն գանգատվում է իր բախտից, բայց միայն այն ժամանակ, երբ հանդիպում է սինյոր Մաղդանոսին, որը ծառայում է ամրոցում որպես պահակ։
 
Ամրոցն այլևս ամրոց չէ, այլ մանուկների պալատ։ Այնտեղ և՛ նկարչության սենյակ կա, և՛ Բուրատինոյի տիկնիկային թատրոն, և՛ պինգ֊պոնգ, և՛ շատ ուրիշ խաղեր։ Հասկանալի է, որ այնտեղ կա ամենալավ, երեխաների համար ամենաօգտակար խաղը՝ դպրոց։ Չիպոլինոն ու Բալուկը իրար հետ մի նստարանի են նստում և սովորում են թվաբանություն, քերականություն, աշխարհագրություն, պատմություն և մնացած բոլոր առարկաները, որ հարկավոր է լավ իմանալ՝ ամեն տեսակի խաբեբաներից, ճնշողներից պաշտպանվելու և հայրենի երկրից նրանց հեռու պահելու համար։
 
― Չմոռանաս, բարեկամս, ― հաճախ ծեր Չիպոլինոն ասում է իր տղային, Չիպոլինոյին, ― սրիկաներ շատ կան աշխարհում, և նրանք, որոնց դու քշեցիր, դեռ կարող են վերադառնալ։
 
Բայց ես հավատացած եմ, որ նրանք այլևս չեն վերադառնա։ Փաստաբան սինյոր Սիսեռիկն էլ չի վերադառնա, որն շտապեց թաքնվել քանի որ շատ մեղքեր ուներ։
 
Ասում են, թե նա ինչ֊որ մի օտար երկրում նորից իր արհեստն է բանեցնում։ Իհարկե, այնտեղ էլ նրա տեղը չէ, բայց լավ է, որ նա մեր այս պատմությունից հեռացավ վերջանալուց առաջ։ Ճիշտն ասած, ես էլ հոգնեցի այդ կպչուն, անհանգիստ ստահակի հետ քարշ գալուց։
 
― Հա՛, մոռացա ձեզ ասել, որ գյուղի ավագ դարձավ վարպետ Խաղողը։ Որպեսզի իր հեղինակությունը չգցի, նա բոլորովին թողել է ծոծրակը բզով քորելու սովորությունը։ Միայն երբեմն բզի փոխարեն օգտագործում է լավ սրած մատիտ, բայց այդ հազվադեպ է լինում։
 
Մի անգամ գյուղի բնակիչները իրենց տների վրա այսպիսի մակագրություն տեսան․ «Կեցցե մեր ավագը»։
 
Սանամեր Դդումը գյուղում լուր տարածեց, թե իբր այդ մակագրությունները կոշկի ներկով ինքը վարպետ Խաղողն է անում։
 
― Լավ ավագ է, ― ասում էր փնթփնթան սանամերը։ ― Գիշերները ման է գալիս և ինքն իր մասին «կեցցե» գրում։
 
Բայց դա միանգամայն իզուր էր։ Տների վրայի բոլոր մակագրությունները Սոխ Պրասն էր անում, այն էլ ոչ թե ձեռքով, այլ բեղերը թանաքի մեջ թաթախելով։ Այո՛, այո՛, Սոխ Պրասը։ Ես առանց վախենալու ձեզ ասում եմ այս գաղտնիքը, որովհետև դուք բեղեր չունեք և նրա օրինակին չեք հետևի։
 
Այստեղ էլ հենց մեր պատմությունն իսկապես ավարտվեց։ Ճիշտ է, աշխարհում դեռ ուրիշ ամրոցներ կան, և իշխան Լիմոնից ու սինյոր Պոմիդորից բացի ուրիշ ձրիակերներ կան, բայց այդ պարոններին էլ մի օր դուրս կանեն, ու նրանց այգիներումն էլ երեխաները կխաղան։
 
Թող այդպե՜ս լինի։
Ադմին, Վստահելի
1876
edits