Changes

Փոքրիկ Մուքը

Ավելացվել է 15 107 բայտ, 15:17, 22 Փետրվարի 2016
:::::::::::::::::::::թագավոր Սադի»։
 
Խորամանկ գանձապետը թուղթը պատառոտեց և որոշեց ոչ ոքի ոչինչ չասել նրա մասին։
 
Իսկ Փոքրիկ Մուքը զնդանում նստած մտածում էր, թե ինչպես ազատվի։ Նա գիտեր, որ թագավորի փողը գողանալու համար իրեն գլխատելու են, բայց և այնպես չէր ուզում կախարդական գավազանի գաղտնիքն ասել թագավորին, գիտեր, որ թագավորն իսկույն գավազանը կխլի, նրա հետ էլ գուցե նաև մաշիկները։ Ճիշտ է, մաշիկները դեռ թզուկի ոտքերին էին, բայց դրանից ի՞նչ օգուտ։ Փոքրիկ Մուքը երկաթե կարճ շղթայով կապված էր պատից և ոչ մի կերպ կրնկի վրա պտտվել չէր կարող։
 
Առավոտյան դահիճը եկավ զնդան և թզուկին հրամայեց պատրաստվել մահապատժի։ Փոքրիկ Մուքը հասկացավ, որ էլ մտածելու ժամանակ չկա, հարկավոր է իր գաղտնիքը թագավորին հայտնել։ Չէ՞ որ ավելի լավ է ապրել առանց կախարդական գավազանի և նույնիսկ առանց արագավազ մաշիկների, քան թե գլխատվել։
 
Նա թագավորին խնդրեց մի առանձին տեղ լսել իրեն և ամեն ինչ պատմեց նրան։ Սկզբում թագավորը չհավատաց, կարծում էր, թե թզուկն այդ ամենը հնարում է։
 
― Ո՜վ մեծ արքա, ― ասաց Փոքրիկ Մուքը, ― խոստացեք խնայել իմ կյանքը, և ես կապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։
 
Թագավորի համար հետաքրքիր էր ստուգել՝ խաբո՞ւմ է իրեն Մուքը, թե ոչ։ Նա հրամայեց իր այգում մի քանի ոսկի թաղել և Մուքին հրամայեց գտնել այդ ոսկիները։ Թզուկը շատ էլ երկար չորոնեց․ հենց որ նա մոտեցավ այն տեղին, որտեղ ոսկիներն էին թաղված, գավազանը երեք անգամ հարվածեց գետնին։ Թագավորը հասկացավ, որ գանձապետը իրեն խաբել է, և հրամայեց Մուքի փոխարեն նրան գլխատել։ Իսկ Մուքին կանչեց իր մոտ և ասաց․
 
― Ես խոստացել եմ քեզ չսպանել և իմ խոսքից ետ չեմ կանգնի։ Միայն թե դու երևի քո բոլոր գաղտնիքները չես ասել ինձ։ Դու կնստես զնդանում, մինչև ինձ ասես, թե ինչպես ես կարողանում այնքան արագ վազել։
 
Խեղճ Մուքն ամենևին չէր ուզում վերադառնալ մութ ու ցուրտ զնդանը։ Նա թագավորին պատմեց իր հրաշք մաշիկների մասին, բայց չասաց ամենագլխավորը, թե ինչպես պիտի կանգնեցնել նրանց։ Թագավորը որոշեց փորձել մաշիկների զորությունը։ Մաշիկները հագավ, դուրս եկավ այգի և սկսեց վազել կատաղածի պես։ Շուտով նա ուզեց կանգ առնել, բայց չկարողացավ։ Իզուր էր ծառերից ու թփերից բռնում․ մաշիկները նրան քաշում էին առաջ ու առաջ։ Իսկ թզուկը կանգնել ու ծիծաղում էր։ Նրա համար շատ հաճելի էր գոնե մի փոքր վրեժ առնել թագավորից։
 
Վերջապես թագավորն ուժասպառ եղավ և ընկավ գետնին։ Փոքր֊ինչ ուշքի գալուց հետո նա կատաղած հարձակվեց թզուկի վրա։
 
― Ուրեմն դու այդպե՞ս ես վարվում քո թագավորի հետ, ― գոռաց նա։ ― Ես քեզ կյանք ու ազատություն եմ խոստացել, բայց եթե տասներկու ժամից հետո քեզ իմ հողում գտնեմ, կբռնեմ և այն ժամանակ այլևս ողորմածություն չսպասես։ Իսկ մաշիկներն ու գավազանը ես ինձ եմ վերցնում։
 
Խեղճ թզուկն էլ ուրիշ ճար չուներ։ Շտապ դուրս եկավ պալատից և տխուր֊տրտում հեռացավ քաղաքից։ Այժմ նա նույնքան աղքատ էր ու անբախտ, ինչպես առաջ և դառը֊դառն անիծում էր իր բախտը։
 
Բարեբախտաբար այդ թագավորի հողն այնքան էլ մեծ չէր, այնպես որ ութ ժամից հետո Մուքը հասավ սահմանին ու անցավ։ Այժմ արդեն նրան վտանգ չէր սպառնում և մտածեց մի քիչ հանգստանալ։ Նա մեծ ճանապարհից դուրս եկավ ու մտավ մի խիտ անտառ։ Այստեղ նա մի լճակի մոտ մի լավ տեղ գտավ և տերևախիտ ծառերի տակ պառկեց հանգստանալու։
 
Փոքրիկ Մուքն այնքան էր հոգնել, որ իսկույն էլ քնեց։ Այսպես նա շատ երկար քնեց և երբ արթնացավ, զգաց, որ քաղցած է։ Նրա գլխավերևը ծառերից կախված էին հասուն, հյութալի թզեր։ Թզուկը բարձրացավ ծառը մի քանի թուզ պոկեց, բավականությամբ կերավ։ Հետո նա ծարավեց։ Մոտեցավ լճակին, կռացավ, որ ջուր խմի, բայց սարսափից քար կտրեց․ ջրի միջից նրան էր նայում մի ահագին գլուխ՝ իշի ականջներով և երկար, շատ երկար քթով։
 
Փոքրիկ Մուքը սոսկումով շոշափեց իր ականջները։ Դրանք իսկապես երկար էին ինչպես իշի ականջներ։
 
― Հենց իմ տեղն է, ― գոռաց խեղճ Մուքը։ ― Բախտը եկել, իմ ձեռքն էր ընկել, իսկ ես իշի պես ձեռքից փախցրի։
 
Երկար ժամանակ նա ման էր գալիս ծառերի տակ և շարունակ իր ականջներն էր շոշափում։ Վերջապես նորից քաղցածացավ։ Ստիպված էր նորից թուզ ուտել։ Չէ՞ որ ուրիշ բան չկար ուտելու։
 
Բայց այդ ժամանակ Մուքը մի ուրիշ ծառի տակ էր։ Թուզ քաղելուց և կուշտ ուտելուց հետո նա, ըստ սովորության, ձեռքը տարավ դեպի ականջները և ուրախության ճիչ արձակեց․ երկար ականջների փոխարեն էլի իր սովորական ականջներն էին։ Նա իսկույն վազեց լճակի մոտ, նայեց ջրի հայելուն։ Քիթն էլ էր փոքրացել, դարձել էր առաջվա քիթը։
 
«Այս ինչպե՞ս պատահեց»,― մտածում էր թզուկը։ Եվ հանկարծ գլխի ընկավ․ առաջին ծառի թզերն ուտելուց մարդու քիթն ու ականջները երկարում են, իսկ երկրորդի թզերն ուտելուց կարճանում։
 
Փոքրիկ Մուքն իսկույն հասկացավ, որ իր բախտը նորից բանել է։ Նա երկու ծառից էլ այնքան թուզ քաղեց, որքան կարող էր տանել և վերադարձավ դաժան թագավորի երկիրը։
 
Այդ ժամանակ գարուն էր, և պտուղը հազվագյուտ բան էր։
 
Վերադառնալով թագավորանիստ քաղաքը՝ Փոքրիկ Մուքը շորերը փոխեց, որպեսզի ոչ ոք իրեն չճանաչի, առաջին ծառի թզերից մի զամբյուղ թուզ վերցրեց և գնաց թագավորի պալատի մոտ։ Առավոտ էր, և պալատի դարբասի առաջ շատ մարդիկ կային նստած, որոնք զանազան բաներ էին ծախում։ Մուքը ևս նստեց նրանց շարքում։ Շուտով պալատից դուրս եկավ գլխավոր խոհարարը և սկսեց վաճառվող մթերքները դիտել։ Մոտենալով Փոքրիկ Մուքին՝ խոհարարը թուզը տեսավ և շատ ուրախացավ։
 
― Օ՜, ― ասաց նա, ― այ իսկական քաղցրավենի մեր թագավորի համար։ Ի՞նչ արժի այս զամբյուղը։
 
Փոքրիկ Մուքը թանկ չգնահատեց, և գլխավոր խոհարարը ամբողջ զամբյուղը գնեց ու գնաց։ Դեռ նոր էր նա թզերն սկուտեղի մեջ դասավորել, երբ թագավորը նախաճաշ պահանջեց։ Նախաճաշը մատուցվեց։ Թագավորն ուտում էր մեծ բավականությամբ և շուտ֊շուտ գովում էր գլխավոր խոհարարին։ Իսկ խոհարարը ժպտում էր իր բեղի տակ ու ասում․
 
― Սպասեցեք, ձերդ մեծություն, ամենահամեղ ուտելիքը դեռ հետո պիտի մատուցեն։
 
Բոլորը, ովքեր նստած էին սեղանի շուրջը ― պալատականները, իշխաններն ու իշխանուհիները ― իզուր էին փորձում գլխի ընկնել, թե այսօր ինչ անուշ բան է պատրաստել իրենց համար գլխավոր խոհարարը։ Եվ երբ, վերջապես մատուցեցին հյութալի թուզը, բոլորը միաբերան հիացմունքի ճիչ արձակեցին և նույնիսկ ծափ զարկեցին։
 
Թագավորն ինքն սկսեց պտուղները բաժանել։ Իշխաններն ու իշխանուհիները ստացան երկու֊երկու հատ, պալատականները՝ մեկ֊մեկ հատ, իսկ մնացածը թագավորը թողեց իրեն․ նա շատ ագահ մարդ էր և քաղցր բաներ շատ էր սիրում։ Թագավորն իր բաժինը դրեց ափսեում և բավականությամբ ուտել սկսեց։
 
― Հայրի՛կ, հայրի՛կ, ― հանկարծ գոռաց թագավորի աղջիկ Ամարզան, ― այդ ի՜նչ են եղել քո ականջները։
 
Թագավորն իր ականջները շոշափեց և սարսափից ճիչ արձակեց։ Նրա ականջները երկարել էին իշի ականջների պես։ Հանկարծ քիթն էլ երկարեց, հասավ մորուքին։ Իշխանները, իշխանուհիներն ու պալատականները մի քիչ ավելի լավ էին, թեև նրանց գլխին էլ նույնպիսի զարդարանք էր բուսել։
 
― Բժի՜շկ, շուտ, բժիշկ կանչեցե՛ք, ― գոռաց թագավորը։
 
Իսկույն մարդ ուղարկեցին բժիշկներ կանչելու։ Բժիշկների մի ամբողջ բազմություն եկավ։ Զանազան դեղեր գրեցին թագավորի համար, բայց ոչինչ չօգնեց։ Իշխաններից մեկի ականջները նույնիսկ կտրեցին, բայց նրանք նորից բուսան, երկարեցին։
 
Այդ ժամանակ Փոքրիկ Մուքը թաքնված էր մի տեղ։ Մի երկու օրից հետո նա մտածեց, որ արդեն գործելու ժամանակն է։ Թզի համար ստացած փողով իր համար մի սև թիկնոց առավ և մի սև, երկարագագաթ թասակ։ Որպեսզի չճանաչվի, նա մի երկար, սպիտակ մորուք կպցրեց կզակին։ Ապա երկրորդ ծառից քաղած թուզը զամբյուղի մեջ դասավորելով գնաց պալատ ու ասաց, որ ինքը կարող է թագավորին բժշկել։ Սկզբում ոչ ոք նրան չէր հավատում։ Այն ժամանակ Մուքը իշխաններից մեկին առաջարկեց փորձել իր բուժումը։ Իշխանը մի քանի պտուղ կերավ, և իսկույն նրա երկար քիթն ու իշի ականջները կարճացան։ Եվ ահա բոլոր պալատականները հավաքվեցին հրաշագործ բժշկի գլխին։ Բայց թագավորը բոլորի առաջն ընկավ։ Նա լուռ բռնեց թզուկի ձեռքը, նրան տարավ իր գանձարանը և ասաց․
 
― Ահա քո առաջ է իմ ամբողջ հարստությունը։ Վերցրու ինչ ուզում ես, միայն թե ինձ բուժիր այս խայտառակ հիվանդությունից։
 
Փոքրիկ Մուքն իսկույն սենյակի անկյունում տեսավ իր կախարդական գավազանն ու արագավազ մաշիկները։ Նա սկսեց ետ ու առաջ քայլել, որպես թե թագավորի հարստությունն է դիտում և աննկատելի մոտեցավ մաշիկներին։ Մեկ էլ հանկարծ վայրկենապես մաշիկները հագավ, գավազանը վերցրեց և երեսի մորուքը պոկեց։ Թագավորն իր գլխավոր սուրհանդակի ծանոթ դեմքը տեսնելով՝ քիչ մնաց պիտի վայր ընկներ զարմանքից։
 
― Չա՛ր թագավոր, ― գոչեց փոքրիկ Մուքը։ ― Այսպե՞ս վարձատրեցիր դու իմ հավատարիմ ծառայությունը։ Դե ուրեմն ամբողջ կյանքումդ մնա այդպես երկարականջ այլանդակ և միշտ հիշիր Փոքրիկ Մուքին։
 
Նա արագ երեք անգամ պտույտ եկավ կրնկի վրա, և մինչ թագավորը մի խոսք կասեր, նա արդեն հեռացել էր։
 
Այդ ժամանակից Փոքրիկ Մուքն ապրում է մեր քաղաքում։ Տեսնում ես, թե ինչքան արկածների մեջ է ընկել նա։ Հարկավոր է հարգել նրան, թեկուզ և արտաքինով ծիծաղելի է։
 
Ահա թե ինչպիսի բան պատմեց ինձ հայրս։ Այս նույնը ես պատմեցի մյուս երեխաներին, և մեզանից ոչ մեկը այլևս չէր ծիծաղում թզուկի վրա։ Ընդհակառակը, մենք շատ էինք հարգում նրան և փողոցում հանդիպելիս այնպես խոնարհ գլուխ էինք տալիս, ասես նա քաղաքապետը լիներ կամ գլխավոր դատավորը։
Ադմին, Վստահելի
1876
edits