Changes

Թռչունները, գազանները եւ ազգականներս

Ավելացվել է 34 682 բայտ, 09:12, 20 Մարտի 2016
/* Գաճաճ ջունգլիներ */
Այժմ րդ շատ ջրասարդեր ունեի։ Բայց շուտով զայրույթով նկատեցի, որ նրանց մայրը՝ ամբողջովին զուրկ լինելով ծնողական զգացմունքներից, շատ հանգիստ ուտում է իր սեփական սերնդին։ Ստիպված եղա փոքրիկներին տանել մի ուրիշ ակվարիում։ Սակայն երբ սարդիկները մեծացան, նրանք էլ սկսեցին միմյանց ուտել, այնպես որ վերջ ի վերջո ես ինձ համար թողեցի միայն երկուսին, առավել խելոք ժառանգներին, իսկ մյուսներին տարա լիճ և բաց թողեցի։
 
 
==Ծովախեցգետիններն ու թանաքաձկները==
 
 
Ամեն առավոտ, երբ ես արթնանում էի, իմ սենյակն ամբողջապես արևի լույսի ցոլքերի մեջ էր, որ ներս էին թափանցում փակ կրկնափեղկերի արանքից։ Շներն արդեն հաջողացրել էին առանց իմ գիտության մտնել մահճակալիս տակ և հիմա, փռված, քնել էին անխռով ու ամուր քնով։ Լուսամուտի մոտ նստել էր Ուլիսը և, ծայրահեղ անբավականությամբ, աչքերը կկոցել արևի ոսկեզօծ շողերից։ Պատուհանից լսվում էր աքաղաղի խռպոտ հեգնալից կանչը և հավերի մեղմ կչկչոցը (ասես ձավարով շիլա էր բլբլթում գազոջախի վրա), որոնք քուջուջ էին անում կիտրոնի ու նարնջի ծառերի տակ․ այծերի զանգակների հեռավոր զնգոցը, ճնճղուկների բարձր ճռվողյունը քիվերի վրա և անհանգիստ մի ծլվլոց, որ նշանակում էր, թե իմ պատուհանի տակի իրենց բույնն են վերադարձել հոգատար ծիծեռնակները և կտուցներով կեր են բերել ձագուկներին։ Նետելով սավանը և սենյակի մեջտեղը քշելով շներին, ուր նրանք թափ տվին իրենց, ձգվեցին ու հորանջեցին, տերևի պես պտտելով վառ կարմիր լեզուները, ես մոտեցա պատուհանին ու բացեցի կրկնափեղկերը։ Այնուհետև, մինչև աչքերս կվարժվեին պայծառ լույսին, ես փռվեցի լուսամուտի գոգին, վաղորդյան արևի տակ դնելով մերկ մարմինս, որի վրա երևում էին շների լվերի խայթոցներից առաջացած մանր վարդագույն բծեր, և մտածկոտ սկսեցի քորվել։ Դադարելով վերջապես ճմլկոտալ, ձիթենու արծաթե կատարների վրայով մի հայացք գցեցի ծովին, որ կապույտին էր տալիս մեր տնից կես մղոն հեռավորության վրա։ Հենց այստեղ, այս ափին, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին ձկնորսներն իրենց ուռկաններով, դա ինձ համար միշտ արտակարգ իրադարձություն էր լինում, քանի որ ցանցերի մեջ հայտնվում էին ծովածոցի կապույտ խորքերից այնպիսի հրաշալի կենդանիներ, որոնց ինքս բռնել չէի կարող։
 
Ալիքների վրա նկատելով ձկնորսական փոքրիկ մակույկներ, իսկույն հագնվում էի և, վերցնելով անհրաժեշտ կարթը, ձիթենու պուրակների միջով թռչում էի դեպի ծով։ Գրեթե բոլոր ձկնորսներին գիտեի անուններով, բայց առանձնապես մտերմացել էի մի բարձրահասակ և ուժեղ, հրաշեկ մազերով տղայի հետ։ Նրա անունը Սպիրո էր՝ ի պատիվ անփոխարինելի սուրբ Սպիրիդոնի, ուստի և որպեսզի նրան տարբերեմ իմ իմացած մյուս բոլոր Սպիրոներից, ես նրան անվանում էին Կոկինո, որ նշանակում է շեկ։ Կոկինոն հաճույքով էր կենդանիների նմուշներ բերում ինձ համար, թեև կենդանիներն իրենք նրան ամենևին էլ չէին հետաքրքրում․ նրան հաճույք էր պատճառում իմ անկեղծ ուրախությունը։
 
Մեկ անգամ ծովափ եկա հենց այն ժամանակ, երբ ջրից դուրս էին հանում ուռկանները։ Արևախանձ ձկնորսները ձգում էին թաց պարանները, բոբիկ ոտքերով ուժով հենվելով ավազի մեջ, և ավելի ու ավելի էին մոտեցնում ծանր ցանցերը ափին։
 
― Ողջ եղիր, կիրիե Ջերրի, ― բացականչեց ինձ Կոկինոն, թափահարելով խոշոր, պեպենոտ ձեռքերը։ Նրա մազերը ասես խարույկ լինեին արևի տակ։ ― Այսօր մենք քեզ համար հետաքրքիր կենդանիներ կունենանք։ Ուռկանը նոր տեղում ենք ջուրը գցել։
 
Ես նստեցի ավազի վրա ու սկսեցի համբերությամբ սպասել, իսկ ձկնորսները, ուրախ շատախոսելով և կատակելով, շարունակում էին իրենց գործը։ Որոշ ժամանակ անց ջրի մեջ երևաց և շուտով մակերես դուրս եկավ ուռկանը։ Արդեն երևում էր, թե ինչպես էր ցանցերի մեջ փայլում ու շողշողում ձուկը։ Երբ ուռկանը դուրս քաշեցին, այն ամբողջովին ասես կենդանի էր և դողում էր իր մեջ աղմուկով թպրտացող ձկներից։ Լսվում էր իրար հարվածող ձկնային պոչերի համաչափ, ընդհատուն ստակատոն։
 
Ձկնորսները բերեցին զամբյուղները և սկսեցին դրանց մեջ լցնել ուռկանի ձկները։ Կարմիր ձուկ, սպիտակ ձուկ, մուգ կարմիր շերտերով ձուկ, սկորպենա, որ նման էր ալ կարմիր գոբելենի։ Երբեմն հանդիպում էր ութոտնիկ, կամ թանաքաձուկ, որոնք իրենց մարդկային աչքերով տագնապալի նայում էին ցանցի խորքից։ Երբ որսի ամբողջ ուտելի մասը հաջողությամբ դասավորվեց զամբյուղների մեջ, հասավ և իմ հերթը։
 
Ցանցերի հատակին միշտ էլ մնում էր քարերի ու ծովային ջրիմուռների կույտ, և հենց այստեղ էլ գտնվում էր իմ ավարը։ Մի անգամ ես գտա մի հարթ ու կլոր քար, որի կենտրոնից բարձրանում էր շատ գեղեցիկ ձյունաթույր ճերմակությամբ մարջանային ծառ։ Այն ասես դալար կեչի լիներ ձմռանը, ծածկված փափուկ ձյան շերտով։ Երբեմն գտնում էի ծովաստղ, որը փափուկ էր բիսկվիտի տորտի պես և գրեթե այդ նույն չափի։ Ծովաստղի գույնը բաց շագանակագույն էր, վառ կարմիր կետերով, իսկ եզրերից չէին ձգվում, ինչպես բոլոր աստղերի մոտ, ճառագայթներ, այլ կախված էին կլոր ծոպեր։ Մի անգամ ես ջրիմուռի կույտի միջից երկու զարմանալի խեցգետին հանեցի, որոնց ոտքերը և չանչերը, երբ դրանք հավաքում էին, ճիշտ և ճիշտ համընկնում էին օվալաձև զրահի հետ։ Նրանց գույնը սպիտակ էր, իսկ մեջքի դեղնակարմիր նախշերը շատ նման էին աբորիգենների դիմակի։
 
Այս առավոտ Կոկինոն, զամբյուղների մեջ դնելով վերջին ձկներին, մոտեցավ ինձ օգնելու։ Ջրիմուռների մեծ կույտի մեջ սովորականի պես կային փոքրիկ կաղամարներ, ծովային ասեղաբյուրեղներ, սարդ֊խեցգետիններ և զանազան ձկնիկներ, որոնք, չնայած իրենց մանր չափերին, չէին կարողացել դուրս պրծնել ցանցի անցքերից։ Հանկարծ Կոկինոն «հըմ» արեց զարմանքից, ջրիմուռների խճճված կույտից ինչ֊որ բան դուրս քաշեց և, իր կոշտ ափին դրած՝ մեկնեց ինձ։ Ես նայեցի ու աչքերիս չհավատացի, որովհետև դա ծովաձիուկ էր։ Կարմրա֊կանաչ, շատ բարեկազմ, զարմանալիորեն նման շախմատի ձիուն, նա ընկել էր Կոկինոյի ափի մեջ և ագահորեն կլանում էր օդը իր լայն բացված, խիստ առաջ ցցված բերանով։ Նրա պոչը ջղաձգորեն ոլորվում ու բացվում էր։ Մի ակնթարթում վերցրի նրան Կոկինոյի ափից ու դրի ջրով լի բանկայի մեջ, մտքումս աղոթելով սուրբ Սպիրիդոնին, որ նա օգնեց ինձ փրկելու ձիուկին։ Ի ուրախություն իմ, ձիուկն անմիջապես ուշքի եկավ ու կախվեց բանկայի կենտրոնում, նրա ձիանման գլխի երկու կողմերի լողակները մանր֊մանր դողում էին, ձուլվելով մի աղոտ բծի մեջ։ Համոզվելով, որ ձիուկի վիճակը լավ է, սկսեցի քրքրել ջրիմուռների կույտը ոսկի որոնողի տենդագին հուզմունքով, որը գիտի, որ ավազի մեջ ոսկի է գտնելու։ Իմ ջանքերը հատուցվեցին, և արդեն մի քանի րոպե հետո բանկայի մեջ նստել էին տարբեր մեծության վեց ծովաձիուկներ։ Այսպիսի հաջողությունից գլուխս կորցրած, ես արագ հրաժեշտ տվի Կոկինոյին և մյուս ձկնորսներին ու սլացա տուն։
 
Տանը իսկույն ակվարիումից հանեցի այնտեղ ապրող տասնչորս օձամողեսներին և նրանց տեղը հատկացրի իմ նոր սաներին։ Ես գիտեի, որ բանկայում թթվածինը քիչ է, երկար չի բավականացնի ծովաձիուկներին, ուստի եթե չէի ցանկանում, որ նրանք կործանվեն, պետք էր շտապել։ Ես վերցրի ակվարիումն ու գնացի ծով։ Լվացի ինչպես հարկն է, հատակին ավազ ցանեցի և արագ վերադարձա տուն, և հետո էլի երեք անգամ դույլերով վազեցի ծով, որպեսզի ակվարիումը ջրով լցնեմ։ Երբ ես դատարկում էի վերջին դույլը, քրտինքն ինձանից հոսում էր շիթերով, ու ես նույնիսկ մտածում էի, արժե՞ր արդյոք այդքան ջանք թափել ծովաձիուկների համար։ Դե, իհարկե, արժեր։ Դա ես տեսա իսկույն, հենց որ ծովաձիուկները բանկայից շրմփացին ակվարիումի մեջ։ Նրանք վայրկենապես ուղղվեցին, իսկ հետո ասես ազատ արձակված պոնիների երամակ, սկսեցին պտտվել ձիթենու ճյուղերի շուրջը, որ ես ամրացրել էի ակվարիումի հատակին փռված ավազի մեջ։ Նրանց լողակներն այնքան արագ էին շարժվում, որ բոլորովին տեսանելի չէին, թվում էր, թե յուրաքանչյուր ձիուկ շարժվում է ինչ֊որ ներքին շարժիչի օգնությամբ։ Աչքի անցկացնելով իրենց նոր տիրությունը, բոլոր ձիուկները հավաքվեցին ձիթենու ճյուղի մոտ, կառչեցին նրանից իրենց պոչերով և լուրջ տեսքով անշարժացան տեղերում։
 
Ծովաձիուկները իսկույնևեթ բոլորին դուր եկան։ Նրանք գրեթե միակն էին տուն բերած իմ բոլոր կենդանիներից, որ արժանացան ամբողջ ընտանիքի միաձայն հավանությանը։ Նույնիսկ Լարրին գաղտնի այցելում էր իմ աշխատասենյակը, որ տեսնի, թե ինչպես են խայտում ձիուկներն իրենց ջրավազանում։ Ծովաձիուկներն ինձնից բավական ժամանակ էին խլում։ Ջուրը ակվարիումում շատ արագ էր փչանում, և ստիպված էի լինում օրը չորս կամ հինգ անգամ դույլերով վազել ծովափ։ Դա բոլորովին էլ հեշտ գործ չէր, բայց ես ուրախ եմ, որ կիսատ չթողի այդ գործը, թե չէ չէի տեսնի մի անսովոր հրաշք։
 
Ձիուկներից մեկը, որ հավանաբար ծեր էր, քանի որ ամբողջովին սևացել էր, շատ մեծ փոր ուներ։ Ես այդ վերագրում էի միայն տարիքին։ Բայց ահա մի անգամ առավոտյան աչքս ընկավ նրա փորի վրայի գծին, որն ասես քաշել էին ածելու սայրով։ Ես սկսեցի հետևել նրան, ջանալով իմանալ, հո կռվտուք չի՞ եղել ձիուկների միջև, իսկ եթե եղել է, ապա ի՞նչ զենք են նրանք օգտագործել (չէ՞ որ արտաքուստ ձիուկները շատ անօգնական էին)․ բայց հանկարծ, ի մեծագույն զարմանս իմ, փորի կտրվածքը մի փոքր լայնացավ և այնտեղից դուրս եկավ պստլիկ ծովաձիուկ։ Ես ուղղակի չհավատացի աչքերիս։ Երբ այդ փոքրիկը մի քիչ այն կողմ լողաց ու կախվեց վճիտ ջրում, փորիկից դուրս եկավ մյուսը, հետո էլի ու էլի, և ահա քսան միկրոսկոպիկ ձիուկներ ծխի ամպի պես պտտվում էին իրենց հսկայական մայրիկի շուրջը։ Վախենալով, որ մյուս մեծ ձիուկները կուտեն փոքրիկներին, ես վերցրի մեկ ուրիշ ակվարիում և, ինչպես ինձ թվաց, մայրիկին ու իր ժառանգներին դրեցի այնտեղ։ Երկու ակվարիումները ջրով լցնելը շատ դժվար էր, ես սարսափելի հոգնում էի, սակայն ուզում էի դիմանալ մինչև հինգշաբթի, երբ Թեոդորը կգա ու կտեսնի իմ գանձը։
 
― Հըմ, ― ասաց Թեոդորը, պրոֆեսիոնալ հետաքրքրությամբ նայելով ակվարիումի մեջ։ ― Սա իսկապես հետաքրքրիր է։ Գրականությունից դատելով, ծովաձիուկները, իհարկե, պետք է որ այս տեղերում լինեն, բայց ես, ինքս․․․ երբեք այստեղ դրանց չեմ տեսել։
 
Ես Թեոդորին ցույց տվի մյուս ակվարիումը, ուր լողում էր ծովաձիուկ մայրիկը իր փոքրիկ երամակի հետ։
 
― Ոչ, ― ասաց Թեոդորը։ ― Սա մայրը չէ, սա հայրն է։
 
Սկզբում ես մտածեցի, որ Թեոդորը խաղում է հոգուս հետ, բայց նա բացատրեց, թե իրականում բանն ինչնումն է։ Երբ էգը ձկնկիթ է դնում, և արուն բեղմնավորում է այն, արուն ձկնկիթները հավաքում է իր հատուկ «ճուտահանման» խցիկի մեջ, և նրանք այնտեղ բազմանում են։ Նա, ում ես հպարտ մայրիկի տեղ էի ընդունել, իրականում հպարտ հայրիկ դուրս եկավ։
 
Շուտով ուժերիցս վեր դարձավ ծովաձիուկների ախոռը պահելը, դրանց թարմ ջուր և ուտելիք մատակարարելը։ Մեծագույն ափսոսանքով ստիպված եղա նրանց ազատել գերությունից։
 
Կոկինոն ոչ միայն կենդանիներ էր հայթայթում իմ հավաքածուի համար, այլև ցույց տվեց ինձ ձկնորսության ամենազարմանալի եղանակներից մեկը։
 
Մի անգամ ես հանդիպեցի նրան ծովափին, ուր նա իր խարխուլ նավակի մեջ դնում էր ծովաջրով լիքը նավթամանը։ Նավթամանի հատակին պառկած էր մեծ, արտաքուստ բարեհամբույր թանաքաձուկը, որը գլխի և ձվաձև մարմնի միացման տեղից կապված էր պարանով։ Ես Կոկինոյին հարցրի, թե ո՞ւր է պատրաստվում գնալ։ Նա ասաց, որ պատրաստվում է գնալ թանաքաձուկ որսալու։ Դա ինձ զարմացրեց, որովհետև նավակի մեջ ոչ կարթ, ոչ ցանց և ոչ էլ եռաժանի կար։ Ես հարցրի, իսկ ինչպե՞ս է նա մտածում թանաքաձուկ որսալ։
 
― Սիրո օգնությամբ, ― խորհրդավոր ասաց Կոկինոն։ Ես գտնում էի, որ բնախույզի պարտքը ինձ հրամայում է հետազոտել կենդանիներ որսալու բոլոր եղանակները, և իսկույն հարցրի Կոկինոյին, թե չի՞ տանի ինձ իր հետ։
 
Մենք դուրս եկանք երկնագույն ծովախորշը և կանգ առանք այն տեղերում, ուր խորությունը հասնում էր երկու սաժենի։ Այստեղ Կոկինոն դուրս քաշեց պարանի ծայրը, որից կապված էր թանաքաձուկը, և այն փաթաթեց իր ոտքի բութ մատին, հետո ձկանը դուրս նետեց նավակից։ Թանաքաձուկը մի քիչ լողաց ջրի երեսին, նայեց մեզ ասես տարակուսանքով և, ջրի շիթ բաց թողնելով, ոստյուններով լողաց դեպի ծովախորշի խորքը։ Պարանը քիչ֊քիչ սահում էր նավակից ցած և շուտով ամուր ձգվեց։ Կոկինոն սիգարեթ էր ծխում խռնշտորելով իր բոցեղեն բաշը։
 
― Հիմա, ― ասաց նա ժպտալով, ― մենք կտեսնենք, թե ինչ կարող է անել սերը։
 
Կռանալով թիերի վրա, Կոկինոն սկսեց դանդաղ թիավարել, ժամանակ առ ժամանակ կանգնեցնելով նավակը և լարված ուշադրությամբ հետևելով իր մատի պարանին։ Հանկարծ նա թեթև խռռացրեց, դեն նետեց թիերը, այնպես որ նրանք սեղմվեցին նավակողին՝ ինչպես թիթեռնիկի թևեր, և, բռնելով պարանից, սկսեց քաշել դեպի իրեն։ Ես կռացա և, աչքերս չորս արած, նայեցի թափանցիկ ջրի միջով, ջանալով տեսնել ամուր ձգված պարանի ծայրը։ Կոկինոն սկսեց ավելի արագ քաշել։ Որոշ ժամանակ անց ջրի մեջ երևացին աղոտ ուրվագծեր, և շուտով ես նկատեցի թանաքաձկանը։ Երբ նա մոտեցավ, ես զարմանքով տեսա, որ դա ոչ թե մի թանաքաձուկ էր, այլ երկուսը՝ ամուր իրար կպած։ Կոկինոն արագ նրանց վեր քաշեց, հանեց ջրից ու դրեց նավակի հատակին։ Արուն, երևում է, շատ էր տարված իր սիրեցյալով, և նույնիսկ իր տարերքից հանկարծակի տեղափոխվելը ջրի երես՝ նրան բնավ չանհանգստացրեց։ Նա այնքան ամուր էր կառչել էգին, որ Կոկինոն չկարողացավ միանգամից նրան պոկել և գցել ծովաջրով լի բանկան։
 
Ինձ շատ հրապուրեց որսի այսպիսի անսովոր ձևը, թեև սրտիս խորքում զգում էի, որ դա մի քիչ անազնիվ է։ Մեկ ժամում մենք համեմատաբար ոչ մեծ տարածության վրա որսացինք հինգ արու թանաքաձուկ։ Ես զարմացա, որ ծովախորշը այդքան խիտ է բնակեցված, ախր ցերեկն այնտեղ հազվադեպ կհանդիպես թանաքաձկների։ Այդ ամբողջ ժամանակ էգը իր դերը կատարում էր ստոյիկի անտարբերությամբ, բայց ես, միևնույն է, գտնում էի, որ ձուկն արժանի է պարգևի, և Կոկինոնյին համոզեցի ազատ արձակել, թեև նա այդ արեց ակնհայտ ափսոսանքով։
 
Ես հարցրի, թե որտեղից գիտե Կոկինոն, որ թանաքաձկնուհին կհրապուրի արուներին։
 
― Ժամանակներն են այդպիսին, ― թոթվեց նա ուսերը։
 
― Ուրեմն հիմա, ― հարցրի ես, ― կարելի է նույն հաջողությամբ օգտվել ցանկացած էգից։
 
― Այո՛, ― ասաց Կոկինոն։ ― Բայց իհարկե, որոշ թանաքաձկներ, ինչպես և կանայք, կարող են մյուսներից հրապուրիչ լինել, իսկ դա նշանակում է, որ նրանցից ավելի մեծ օգուտ կլինի։
 
Ափսոս որ որսի այս եղանակը չի կարելի կիրառել մյուս կենդանիների նկատմամբ։ Որքա՜ն հրաշալի կլիներ, օրինակ, փորձի համար ջուրը նետել ծովաձիուկի էգին և հետո նրան դուրս քաշել՝ իրենից կախված կրքոտ երկրպագուներով։
 
Որքան ինձ հայտնի էր, որսի այս յուրատեսակ եղանակը կիրառում էր միայն Կոկինոն, ես երբեք չեմ տեսել, որ դրանից օգտվեին ուրիշ ձկնորսներ, իսկ նրանք, ու հետ ես խոսում էի, նույնիսկ չէին լսել այդ մասին և այնքան էլ չէին հավատում իմ պատմածին։
 
Մեր տան դիմացի կտրտված ափերի մոտ բնակվում էին հատկապես շատ կենդանիներ, և քանի որ այս տեղերը համեմատաբար ծանծաղ էին, կենդանիներ որսալը այնքան էլ դժվար բան չէր։ Ես Լեսլիին համոզեցի ինձ համար նավակ կառուցել, որ բավական հեշտացրեց իմ հետազոտությունները։ Այս հարթահատակ, գրեթե կլոր նավակը՝ խիստ թեքված աջ կողով, ստացավ «բուտլ Հաստապոչիկ» անունը և իշուկից հետո իմ ամենաթանկ սեփականությունն էր։ Նավակի հատակին դնելով բանկաներ, տուփեր, ցանցորսիչներ և վերցնելով ուտելիք, ես ճանապարհ էի ընկնում երեք շներից բաղկացած ջոկատի՝ Արագավազի, Աղտոտիկի և Ռոջերի հետ, իսկ երբեմն էլ վերցնում էի նաև Ուլիս բվին, եթե դա նա ցանկանում էր։ Շոգ, անհողմ եղանակին մենք օրերով հետազոտում էինք հեռավոր ծովախորշերն ու ջրիմուռներով պատված ժայռոտ արշիպելագները և շատ արկածներ էինք ունենում։ Մի անգամ մենք հանդիպեցինք «ծովանապաստակների» (տետիս խխունջների) հսկայական վտառի։ Այս խխունջները ունեն ծիրանագույն, ձվաձև մարմին, եզրերը բոլորածայրով, իսկ գլխին երկու տարօրինակ ելուստ, որոնք իսկապես շատ նման են նապաստակների երկար ականջներին։ Խխունջները սողում էին ավազոտ հատակին ու քարերի վրայով, շարժվելով կղզուց դեպի հարավ, ինչ որ տեղ։ Միմյանց նկատմամբ նրանք ոչ մի հետաքրքրություն չէին ցուցաբերում, և ես եզրակացրի, որ հավաքվել են նրանք միասին ոչ թե զուգավորվելու, այլ պարզապես գաղթում են կույտերով։
 
Մի ուրիշ անգամ, երբ մենք խարիսխ էինք գցել մի ոչ մեծ ծովախորշում, դեպի մեզ լողաց հաստլիկ, բարեհոգի դելֆինների վտառը։ Ըստ երևույթին, նրանց գրավել էր «Բուտլի» նարնջա֊սպիտակ վառ գույնը։ Դելֆինները խայտում էին մեր շուրջը, թռչկոտում էին, պարում էին ու մոտենում էին ուղղակի նավակին, ջրից դուրս ցցելով ժպտուն մռութները և իրենց շնչափողերից բաց էին թողնում խոր, կրքոտ հոգոցներ։ Մի երիտասարդ դելֆին, որն ավելի վճռական էր մեծահասակներից, խրվեց նույնիսկ նավակի տակ, և մենք զգացինք, թե ինչպես նրա մեջքը անցավ «Բուտլի» հարթ տակով։ Ես հիացմունքով էի նայում այս սքանչելի տեսարանին և միևնույն ժամանակ փորձում էի ճնշել իմ ջոկատի ընդվզումը, որը դելֆինների հայտնվելն ընկալում էր միանգամայն այլ կերպ։ Արագավազը, որ երբեք աչքի չէր ընկնում խիզախությամբ, խցկվեց նավաքիթը և, դողալով վախից, կամաց վնգում էր։ Աղտոտիկը որոշեց, որ իր կյանքը կարող է փրկել միայն մի ճանապարհով՝ թողնել նավը և լողալ դեպի ափ, ուստի ես ստիպված էի նրան ուժով պահել, ինչպես և Ռոջերին, որը համոզված էր, թե եթե իրեն թույլ տային թռչել ծով, նա կկարողանար մեն֊մենակ մի քանի րոպեում հաշիվ մաքրել բոլոր դելֆինների հետ։
 
Մեկ անգամ ես այսպիսի արշավից բերեցի չափազանց արտառոց մի ավար։ Այդ օրը բոլորը գտնվում էին քաղաքում, բացի Լեսլիից, որը դեռ նոր էր ապաքինվել դաժան դիզենտերիայից։ Նա պառկած էր հյուրասենյակի բազմոցին, կատվիկի նման թույլ, ու սառույցով թեյ էր խմում և կարդում մի հսկայական աշխատություն բալիստիկայի (ձգաբանության) մասին։ Լեսլին ինձ իսկույնևեթ չափազանց պարզ լեզվով հայտնեց, որ իրեն չձանձրացնեմ և չնետվեմ աչքի առաջ, իսկ քանի որ ես քաղաք գնալ չէի ցանկանում, վերցրի շներին և գնացի դեպի «Բուտլը»։
 
Երբ մենք լողում էինք ծովախորշի երկայնքով, ես դեռ հեռվից ջրի խաղաղ մակերեսին նկատեցի, ինչպես ինձ թվաց, դեղին ջրիմուռների մի մեծ կծիկ։ Ծովային ջրիմուռները միշտ էլ մեծ ուշադրության են արժանի․ դրանց մեջ մշտապես գտնվում են բազմաթիվ ու զանազան մանր կենդանիներ, իսկ երբեմն էլ, եթե ձեր բախտը բերում է, ինչ֊որ ավելի խոշոր բան։ Ես, իհարկե, սլացա դեպի այդ տեղը, բայց երբ ավելի մոտեցա, տեսա, որ դա ամենևին էլ ջրիմուռ չէր, այլ դեղին գույնի ինչ֊որ քար։ Բայց թե ինչպե՞ս է քարը լողում ջրի մեջ, քսան ոտնաչափ խորությամբ ծովախորշում։ Ես ուշադիր նայեցի և ուրախությունից ապշեցի, երբ տեսա, որ դա կրիա էր և՝ բավականին մեծ։ Բարձրացնելով թիերը, ես գոռացի շների վրա, անցա նավախելի կողմը և այնտեղ սպասեցի, անհամբերությունից այրվելով, մինչև որ «Բուտլը» ավելի կմոտենար կրիային։ Կրիան գտնվում էր ջրի երեսին և, թվում էր, խոր քնած է։ Հարկավոր էր նրան բռնել, նախքան կհասցներ արթնանալ։ Ուռկաններն ու մյուս ցանցերը, որ գտնվում էին իմ նավակում, ամենևին էլ նախատեսված չէին մոտ երեք ոտնաչափ երկարություն ունեցող կրիայի որսի համար։ Ինձ թվում էր, որ նրան կարելի է որսալ միայն ջրի մեջ սուզվելով, ինչ֊որ ձևով բռնել նրան և նետել նավակը, քանի դեռ նա չի արթնացել։ Ես չափազանց հուզված էի և նույնիսկ մտքովս չանցավ, որ այդքան մեծ կրիան կարող է բավական ուժեղ լինել, չհանձնվել առանց պայքարի։
 
Երբ նավակն արդեն գտնվում էր կրիայից մոտ վեց ոտնաչափ հեռավորության վրա, ես օդ հավաքեցի թոքերումս և սուզվեցի։ Սկսեցի սուզվել ուղղակի կրիայի տակ, որ կտրեմ նրա նահանջի ճանապարհը։ Սուզվելով տաք ջրի մեջ և արտասանելով կարճ աղոթք, որ իմ սուզվելուց առաջացած ցայտերը չարթնացնեն կրիային, իսկ եթե, այնուամենայնիվ, արթնանա, ապա քնաթաթախ չկարողանա ծլկել։ Սուզվեցի բավականին խոր և անմիջապես շրջվեցի մեջքիս վրա։ Իմ վերևում, ինչպես վիթխարի ոսկե դրամ, պառկել էր կրիան։ Ես վեր նետվեցի ու ամուր բռնեցի նրա առջևի թաթերից, որ պատյանից կախվել էին մանգաղների նման։
 
Ի զարմանս իմ, կրիան չզարթնեց նույնիսկ իմ այդ գործողությունից։ Երբ ես փնչացնելով ու դեռևս շարունակելով սեղմել նրա թաթերը՝ բարձրացա ջրի երես ու սկսեցի աչքերս թարթել, հասկացա բանն ինչում է։ Կրիան սատկած էր։ Սատկել էր նա արդեն շատ վաղուց, ինչի մասին վկայում էր իմ սեփական հոտառությունը և մանր ձկների բազմությունը, որոնք կտցում էին նրա թեփուկավոր վերջույթները։
 
Ափսոս էր, իհարկե, բայց դե այնուամենայնիվ ավելի լավ է մեռած կրիա, քան՝ ոչինչ։ Ես նրան քաշեցի դեպի նավակն ու մի թաթը ամուր կապեցի նավակողին։ Շները չափազանց շահագրգռված էին, նրանք կարծում էին, որ ես հատկապես իրենց համար բերել եմ չտեսնված համեղ պատառ։ «Բուտլը» իր ձևի պատճառով երբեք էլ հեշտ ղեկավարվող նավակ չէր, իսկ հիմա, երբ նրա կողից կապված էր սատկած կրիան, արդեն ամեն կերպ ջանում էր պտտվել միևնույն տեղում։ Եվ այնուամենայնիվ մի ամբողջ ժամ լարված թիավարումից հետո մենք բարեհաջող հասանք նավամատույցին։ Կապելով նավակը՝ ես կրիային քաշեցի ափ և, ինչպես հարկն է, զննեցի նրան։ Դա բիսսա տեսակի կրիա էր։ Այս տեսակի կրիաների պատյանից ակնոցի շրջանակ են պատրաստում, այնպես որ նրա խրտվիլակը երբեմն կարելի է տեսնել օպտիկայի խանութների ցուցափեղկերում։ Բիսսայի գլուխը մեծ է, կնճռոտված դեղին մաշկով և կտուցի նման կեռ քթով, որը նրան շատ է նմանեցնում արագիլի։ Իմ կրիայի պատյանը տեղ֊տեղ ծեծված էր (դրանք ծովահողմերի, իսկ գուցե շնաձկների ատամների հետքեր էին) և զարդարված էր սպիտակաթույր մանր խեցգետիններով։ Ստորին դեղնավուն վահանը ներս էր ընկած՝ ինչպես հաստ, թրջված ստվարաթուղթ։
 
Դեռ վերջերս ես ուսումնասիրել էի գետային սատկած կրիայի կազմաբանությունը, և հիմա ինձ առիթ ներկայացավ ծովային կրիայի ներքին կառուցվածքը համեմատել նրա քաղցրջրյա եղբայրակցի կառուցվածքի հետ։ Ես արագ տուն վազեցի ու ձեռնասայլակը բերեցի, որով տուն տարա իմ ավարը և հանդիսավոր դրեցի պատշգամբում։ Այնուհետև պատրաստեցի գրառումների տետրս․ խնամքով, ինչպես վիրահատական սրահում, դասավորեցի խարտոցներս, վիրադանակներս, ածելիներս և գործի անցա։
Ադմին, Վստահելի
1876
edits