=== Ներածություն ===
Սիբիրի հեռաստաններում<ref>Սիբիրի հեռաստաններում․․․ ― Պատիժների մասին 1822 թ․ Օրենսգրքում, վերաբնակեցման աքսորը բաժանվում էր երկու կարգի՝ «հեռավորագույն վայրերում» (Արևելյան Սիբիր) և «ոչ այնքան հեռավոր վայրերում» (Արևմտյան Սիբիր և Անդրկովկաս)։</ref>, տափաստանների, սարերի կամ անանցանելի անտառների մեջ մեկ֊մեկ հանդիպում են փոքր քաղաքներ, հազար, ամենաշատը՝ երկու հազար բնակիչներով, երկու եկեղեցիներով, մեկը՝ քաղաքում, մյուսը՝ գերեզմանոցում, փայտաշեն ու աննշան, ավելի շատ նման մերձմոսկովյան մի գյուղի, քան քաղաքի։ Սովորաբար, դրանք բավականաչափ շատ ունեն իսպրավնիկներ, ատենակալներ և մնացյալ սուբալտերն<ref>․․․ իսպրավնիկներ․․․ սուբալտերն աստիճանավորներ․․․ ― Իսպրավնիկը գավառական ոստիկանապետն է, ցարական բանակում սուբալտերն աստիճանավորներ էին կոչվում կրտսեր սպաները (գերմ․ Subaltern Offiziers), այստեղ՝ մասնր աստիճանավորներ։</ref> աստիճանավորներ։ Ընդհանրապես, Սիբիրում, չնայած ցրտին, ծառայելը չափաղանց չափազանց ջերմ է։ Ապրում են հասարակ, ոչ֊ազատական մարդիկ, կարգերը հին են, ամուր, դարերով սրբագործված։ Աստիճանավորները, որոնք արդարացիորեն խաղում են սիբիրյան ազնվականության դերը, կամ բնիկներ են՝ արմատակալած սիբիրցիներ, կամ եկվորներ են Ռուսաստանից, մեծ մասամբ մայրաքաղաքներից, հրապուրված հաշվից դուրս վճարվող ռոճիկներով, կրկնակի ուղեծախսերով և ապագայի գայթակղիչ հույսերով։ Նրանցից կյանքի հանելուկը վճռել կարողացողները մշտապես մնում են Սիբիրում և հաճույքով արմատներ գցում։ Հետագայում դրանք բերում են առատ և քաղցր պտուղներ։ Սակայն մյուսները՝ թեթևամիտ և կյանքի հանելուկ վճռել չկարողացողները, շուտով ձանձրանում են Սիբիրից ու տրտմագին հարց տալիս իրենք իրենց. ինչի՞ համար են եկել֊հասել այստեղ։ Անհամբերությամբ օր են հաշվում ծառայության օրինական ժամկետից՝ երեք տարի, և լրանալուն պես մտահոգվում իրենց տեղափոխմամբ ու ետ գնում իրենց ճամփով, փնովելով Սիբիրը և ծաղրելով դա։ Անիրավացի են նրանք․ ոչ միայն ծառայողական, այլ նույնիսկ շատ տեսակետներից Սիբիրում կարելի է երանավետ ապրել։ Սքանչելի կլիմա ունի, շատ են նշանակալի հարուստ և աղուհացով վաճառականները, շատ կան արտակարգ ինքնաբավ այլազգիներ։ Օրիորդները փթթում են վարդի պես և բարոյական են վերին աստիճանի։ Որսի թռչունը լի է փողոցներում և ինքն է գալիս որսորդին ավար։ Շամպայն է խմվում անբնական շատ։ Խավիարն է զարմանալի։ Որոշ տեղերում բերքը լինում է մեկին տասնհինգ... Ընդհանրապես, օրհնյալ հող է։ Հարկ է միայն օգտագործել կարողանալ։ Սիբիրում կարողանում են։
Այդպիսի զվարթ և իրենից գոհ, ամենահամակրելի բնակչությամբ գյուղաքաղաքներից մեկում, որի մասին հիշողությունն անջնջելի կմնա իմ սրտում, հանդիպեցի Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովին։ Աքսորաբնակ էր, Ռուսաստանում ծնված ազնվական և կալվածատեր, հետո դարձած երկրորդ կարգի աքսորյալ տաժանապարտ՝ իր կնոջը սպանելու համար, և օրենքով սահմանված տասնամյա տաժանակրությունն ավարտելուց հետո, խոնարհ ու անաղմուկ իր կյանքն էր ապրում Կ. գյուղաքաղաքում, որպես աքսորաբնակ։ Իրականում նա կցված էր ենթաքաղաքային մի վոլոստի, բայց ապրում էր քաղաքում, հնարավորություն ունենալով գոնե ինչ-որ բան վաստակել ուսուցչությամբ։ Սիբիրյան քաղաքներում հաճախ են հանդիպում աքսորաբնակներից ուսուցիչներ՝ նրանցից չեն խորշում։ Իսկ նրանք գերազանցապես ուսուցանում են ֆրանսերեն՝ այնքան անհրաժեշտ կյանքի ասպարեզներում, և որի մասին, առանց նրանց, Uիբիրի հեռավոր ծայրերում պատկերացում անգամ չէին ունենա։ Ալեքսանդր Պետրուվիչին առաջին անգամ հանդիպեցի մի հնամենի, վաստակաշատ, հյուրասեր աստիճանավոր Իվան Իվանիչ Գվոզդիկովի տանը, որն ուներ տարբեր տարիքի հինգ դուստր, հիանալի հույսեր ներշնչող։ Ալեքսանդր Պետրովիչը շաբաթը չորս անգամ դասավանդում էր նրանց, ամեն դասի համար երեսուն արծաթ կոպեկով։ Նրա արտաքինն ինձ հետաքրքրեց․ չափից ավելի գունատ և նիհար մարդ էր, դեռևս ոչ տարեց, երեսունհինգ տարեկան, փոքրամարմին և տխեղծ։ Հագնվում էր մշտապես շատ մաքուր, եվրոպական ոճով։ Եթե խոսքի բռնվեիք նրա հետ, ձեղ ձեզ կնայեր չափազանց ակնդետ և ուշադիր, խստահայաց բարեկրթությամբ կլսեր ձեր յուրաքանչյուր բառը, կարծես մտորելով դրա շուրջ, կարծես ձեր հարցով խնդիր էիք առաջարկել իրեն կամ ուզել ինչ֊որ գաղտնիք կորզել, և ի վերջո, կպատասխաներ հստակ ու հակիրճ, սակայն այն աստիճան ծանրութեթև անելով իր պատասխանի ամեն բառը, որ չգիտես ինչու, անհարմար կզգայիք նաև դուք, վերջապես, ինքներդ ուրախանալով խոսակցության ավարտով։ Հենց այն ժամանակ էլ հարցուփորձ արեցի Իվան Իվանիչին և իմացա, որ Գորյանչիկովն ապրում է անթերի և բարոյական չափանիշներով և որ այլապես ինքը չէր հրավիրի նրան դուստրերին ուսուցանելու համար, և որ նա ահավոր մարդախույս է, թաքնվում է բոլորից, չափազանց է ուսյալ, շատ կարդում է, սակայն խոսում է շատ քիչ, և որ նրա հետ բավականին դժվար է խոսակցություն սկսել։ Ոմանք պնդում էին, որ նա իսկապես ցնորված է, թեև գտնում էին, որ ըստ էության, այնքան էլ մի կարևոր թերություն չէ, որ քաղաքի պատվավոր անդամներից շատերը պատրաստ են ըստ ամենայնի գոհացնել Ալեքսանդր Պետրովիչին, որ նա կարող է նույնիսկ օգտակար լինել խնդրագրեր և այլ թղթեր գրելով։ Ենթադրում էին, որ պիտի կարգին բարեկամություն ունենա Ռուսաստանում, գուցե և ոչ վերջին մարդիկ, սակայն գիտեին, որ աքսորման սկզբից ևեթ նա հաստատակամորեն խզել է բոլոր կապերը նրանց հետ, մի խոսքով, վնասում է ինքն իրեն։ Բացի դրանից, մեզ մոտ բոլորը գիտեին նրա պատմությունը, գիտեին, որ սպանել է կնոջը՝ ամուսնության առաջին տարում, սպանել է խանդից և ինքն է հայտնել արածի մասին (ինչը շատ է թեթևացրել նրա պատիԺը)։ Իսկ նման հանցագործություններին միշտ նայում են որպես դժբախտություն և ափսոսում դրա համար։ Սակայն չնայած այդ ամենին, այդ խենթը համառորեն խուսափում էր բոլորից և մարդամեջ հայտնվում միայն դասավանդելու։
Սկզբում ես առանձին ուշադրություն չէի դարձնում նրա վրա, սակայն ինքս էլ չգիտեմ ինչու, նա կամաց֊կամաց սկսեց հետաքրքրել ինձ։ Հանելուկային մի բան ուներ։ Հետը խոսքի բռնվելու նվազագույն իսկ հնարավորություն չկար։ Իհարկե, հարցերիս միշտ պատասխանում էր, նույնիսկ այնպիսի տեսքով, ասես համարում էր իր առաջնահերթ պարտականությունը, բայց նրա պատասխաններից հետո նեղվում էի շարունակել հարցուփորձս, ու նման խոսակցություններից հետո, նրա դեմքին միշտ երևում էր մի տեսակ տառապանք ու հոգնություն։ Հիշում եմ, մի անգամ, ամառային սքանչելի երեկո էր, գալիս էինք Իվան Իվանիչի մոտից։ Հանկարծ մտքովս անցավ տուն հրավիրել նրան մի րոպեով, միասին ծխելու։ Չեմ կարող նկարագրել, թե ի՜նչ սարսափ գծագրվեց նրա դեմքին, լիովին շփոթվեց, սկսեց ինչ֊որ անկապ բաներ մրմնջալ ու մեկեն, չարացած նայելով ինձ, նետվեց հակառակ ուղղությամբ։ Նույնիսկ ղարմացա։ զարմացա։ Այդ օրվանից, հանդիպելիս ինձ էր նայում կարծես մի տեսակ վախով։ Սակայն ես չհանգստացա, ինչ֊որ բան ինձ ձգում էր նրա կողմը, և մի ամիս անց, հենց այնպես անառիթ, մտա Գորյանչիկովի մոտ։ Հարկավ, հիմարություն և աննրբանկատություն էր արածս։ Նա բնակարան էր վաձում քաղաքի ամենածայրամասում, պառավ մի քաղքենուհու տանը, որը թոքախտավոր մի աղջիկ ուներ, սա էլ՝ ապօրինածին դստրիկ, տասնամյա սիրունիկ, ուրախ֊զվարթ աղջնակ էր։ Ալեքսանդր Պետրովիչը նստած էր նրա հետ և կարդալ էր սովորեցնում, երբ ներս մտա։ Ինձ տեսնելով, այնպես շշկլվեց, կարծես բռնել էի նրան ինչ֊որ հանցանքի վրա։ Կատարելապես շփոթվեց, վեր թռավ աթոռից ու ինձ էր նայում աչքերը չռած։ Վերջապես նստեցինք, նա ակնդետ հետևում էր իմ հայացքին, կարծես յուրաքանչյուր հայացքի մեջ որևիցե հատուկ խորհրդավոր իմաստ էր կասկածում։ Կռահեցի, որ կասկածամիտ է խելահեղության աստիճան։ Ատելությամբ ինձ էր նայում, համարյա թե հարց տալով. «Շո՞ւտ ես գնալու այստեղից»։ Խոսք բացեցի մեր գյուղաքաղաքից, ընթացիկ նորություններից։ Նա լսում էր ու չարախինդ ժպտում։ Պարզվեց, որ ոչ միայն չգիտե ամենասովորական, բոլորին հայտնի քաղաքային նորությունները, այլ նույնիսկ չի էլ հետաքրքրվում, որ իմանա։ Հետո սկսեցի խոսել մեր երկրամասի, նրա պահանջմունքների մասին։ Լսում էր լուռ, և այնքան տարօրինակ նայում աչքերիս, որ ի վերջո խիղճս տանջեց մեր խոսակցության համար։ Ի դեպ, քիչ էր մնացել, զայրացնեի նրան նոր գրքերով ու ամսագրերով, որոնք իմ ձեռքին էին՝ հենց նոր ստացված փոստից, առաջարկեցի նրան՝ դեռևս էջերը չկտրատած։ Մի ագահ հայացք նետեց դրանց վրա, բայց տեղնուտեղը փոխեց մտադրությունը և մերժեց առաջարկս, պատճառ բռնելով ազատ ժամանակ չունենալը։ Վերջապես հրաժեշտ տվեցի և գուրս դուրս գալով նրա մոտից, զգացի, որ անտանելի մի ծանրություն ընկավ սրտիցս։ Ամաչում էի, և չափազանց հիմար բան թվաց ձեռ չքաշելը մի մարդուց, որն իր գլխավորագույն խնդիրն է համարում հնարավորինս հեռու թաքնվել ամբողջ աշխարհից։ Բայց եղածը եղած էր։ Հիշում եմ, համարյա ոչ մի գիրք չնկատեցի նրա մոտ, ուստիև անարդարացի էին խոսում նրա մասին, թե շատ է կարդում։ Բայց և այնպես, մի երկու անգամ շատ ուշ գիշերով նրա պատուհանների մոտով անցնելիս, ներսում լույս տեսա։ Ի՞նչ էր անում նա, նստած մինչև լուսաբաց։ Չէ՞ր գրում, արդյոք։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ հատկապես։
Հանգամանքներն ինձ հեռացրին երեք ամսով մեր քաղաքից։ Տուն դառնալով արդեն ձմռանը, իմացա, որ Ալեքսանդր Պետրովիչը մահացել է աշնանը, մահացել է մենության մեջ և նույնիսկ ոչ մի անգամ բժիշկ չի կանչել։ Քաղաքում համարյա մոռացել էին նրա մասին։ Բնակարանը մնացել էր դատարկ։ Ես անմիջապես ծանոթացա հանգուցյալի տանտիրուհու հետ՝ մտադիր նրանից իմանալ. հատկապես ինչո՞վ էր զբաղվում նրա կենվորը և ինչ֊որ բան չէ՞ր գրում արդյոք։ Քսան կոպեկի դիմաց նա մի ամբողջ զամբյուղ թղթեր բերեց՝ մնացած հանգուցյալից հետո։ Պառավը խոստովանեց, որ երկու տետր արդեն բանեցրել է։ Խոժոռ ու քչախոս պառավ էր, խելքը գլխին որևէ բան դժվար էր նրանից կորզել։ Իր կենվորի մասին առանձնապես նոր ոչինչ չկարողացավ ասել ինձ։ Նրա ասածով, համարյա երբեք ոչինչ չէր անում կենվորը, ամիսներով գիրք չէր բացում ու գրիչ չէր առնում ձեռքը, փոխարենը գիշերներ շարունակ ետուառաջ էր քայլում սենյակում, ինչ֊որ բան մտածելով, երբեմն էլ խոսում ինքն իր հետ, որ շատ էր սիրել և շատ էր գուրգուրում իր թոռնուհուն՝ Կատյային, հատկապես այն օրից ի վեր, երբ իմացավ, որ Կատյա է անունը և որ Կատերինայի օրվան, ամեն անգամ գնում էր ինչ֊որ մեկի հոգեհանգիստը մատուցելու։ Հյուր տանել չէր կարողանում, տնից ելնում էր միայն դասեր տալու համար։ Խեթում էր նույնիսկ իրեն՝ պառավին, երբ նա շաբաթը մեկ անգամ, մտնում էր նրա սենյակը քիչումիչ հավաքելու, և երբեք մի խոսք անգամ չխոսեց իր հետ, երեք տարի շարունակ։ Ես հարցրի Կատյային, թե հիշո՞ւմ է իր ուսուցչին։ Աղջնակն ինձ նայեց լուռ, շրջվեց գեպի դեպի տատն ու լաց եղավ։ Ուրեմն, այդ մարդը կարող էր գեթ մեկին ստիպել՝ սիրել իրեն։
Ես վերցրի նրա թղթերն ու ամբողջ օրը ջոկջկում էի։ Թղթերի երեք քառորդը փուչ, աննշան պատառիկներ էին կամ աշակերտական վարժություններ՝ ուղղումներով։ Բայց կար նաև բավական ծավալուն մի տետր, գրված մանրատառ և անավարտ, գուցեև մի կողմ դրված ու մոռացված հեղինակի իսկ կողմից։ Ալեքսանդր Պետրովիչի կրած տասնամյա տաժանակրության նկարագրությունն էր, թեև անկապակցված։ Տեղ-տեղ այդ նկարագրությունն ընդմիջվում էր մեկ ուրիշ պատմությամբ, ինչ֊որ արտառոց, զարհուրելի հիշողություններով՝ գրված անհամաչափ, ջղաձիգ, ասես ինչ֊ինչ հարկադրանքով։ Մի քանի անգամ կարդացի այդ հատվածները և համարյա թե համոզվեցի, որ դրանք գրված են խելագարության մեջ։ Սակայն տաժանավայրի հիշողությունները՝ նոթերը «Տեսարաններ Մեռյալ տնից», ինչպես ինքն էր կոչել դրանք ձեռագրում, ինչ֊որ տեղ, ամենևին էլ անհետաքրքիր չթվացին ինձ։ Բացարձակապես նոր աշխարհ, մինչ այդ անծանոթ, առանձին փաստերի արտառոցություն, առանձնահատուկ նոթեր՝ կործանված մարդկանց մասին, հափշտակեցին ինձ և որոշ բաներ կարդացի հետաքրքրությամբ։ Հարկավ, կարող եմ նաև սխալվել։ Փորձելու համար սկզբից ընտրում եմ երկու֊երեք գլուխ՝ թող հասարակությունը դատի․․․
Վաղուց էր դա, այդ ամենը հիմա երազիս է գալիս, երազի պես է։ Հիշում եմ, ինչպես մտա բանտ։ Երեկո էր, դեկտեմբեր ամսին։ Արդեն մթնում էր, մարդիկ վերադառնում էին աշխատանքից, պատրաստվում ստուգման։ Բեղավոր ենթասպան վերջապես բացեց այդ տարօրինակ տան դուռը, ուր պիտի մնայի այնքա՜ն տարի, կրեի բազում այնպիսի՜ զգացողություններ, որոնց մասին, իսկականից չապրելով դրանք, նույնիսկ մոտավոր ըմբռնում ունենալ չէի կարող։ Օրինակ, ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, թե ինչ մի սարսափելի և տանջալի բան կա, որ իմ տաժանակրության բոլոր տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ, ոչ մի րոպե մենակ չեմ լինելու։ Գործատեղում միշտ հսկողության տակ, տանը՝ երկու հարյուր ընկերների հետ և ոչ մի անգամ, ոչ մի անգամ՝ մենակ։ Ասենք, մենակ դրա՞ն պիտի ընտելանայի։
Այստեղ կային մարդասպաններ՝ դիպվածով և մարդասպաններ՝ արհեստով, ավազակներ ու ավազակների պարագլուխներ։ Կային պարզապես խաբեբաներ և շրջմոլիկներ՝ հարամ փողերով ու վաշխառությամբ գործ անողներ։ Կային և այնպիսիք, ում մասին դժվար էր որոշել, թե տեսնես՝ ինչի՞ համար կարող էին ընկնել այստեղ։ Այնինչ, ամեն մեկն ուներ իր պատմությունը՝ խառնիխուռն և ծանր, ինչպես երեկվա հարբածության մրուրը։ Ընդհանրապես, իրենց անցյալի մասին նրանք քիչ էին խոսում, չէին սիրում պատմել և հավանորեն, ջանում էին չմտածել անցածի մասին։ Նրանց մեջ ես գիտեի նույնիսկ մարդասպանների՝ այնքան ուրախ, այնքան երբեք չմտորող, որ կարելի էր գրազ գալ, որ նրանց խիղճը երբեք և ոչ մի խայթ չի զգացել։ Սակայն կային նաև մռայլադեմներ, համարյա միշտ լուռումունջ։ Ընդհանրապես, իր կյանքը հազվադեպ որևէ մեկը պատմեր, և հետաքրքրասիրությունն ընդունված չէր, մի տեսակ սովորության մեջ չէր, հարգի չէր։ Թերես հազվադեպ, մեկնումեկը խոսք բացեր՝ անգործությունից, իսկ մյուսը սառնարյուն ու մռայլված լսեր։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չէր կարող զարմացնել։ «Մենք գրագետ ժողովուրդ ենք»,— ասում էին նրանք հաճախ, մի տեսակ տարօրինակ ինքնագոհությամբ։ Հիշում եմ, ինչպես մի անգամ մի ավազակ, գինովցած (աքսորում երբեմն կարելի էր և հարբել), սկսեց պատմել, թե ինչպես է սպանել հնգամյա մի տղեկի, ինչպես է սկզբում խաբել խաղալիքով, ապա տարել մի դատարկ մարագ, այնտեղ էլ մորթել։ Ամբողջ բանտասենյակը, որ մինչ այդ խնդում էր նրա կատակների վրա, մի մարդու պես բղավեց, և ավազակը ստիպված էր լռել։ Զայրույթից չէ, որ գոռաց բանտասենյակը, այլ որովհետև ''պետք չէր'' խոսել ''դրա մասին'', քանի որ ''դրա մասին'' խոսել ընդունված չէր։ Իմիջիայլոց, նշեմ, որ այդ ժողովուրդն իսկապես գրագետ էր և նույնիսկ ոչ փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով։ Հավանորեն, նրանց կեսից ավելին կարող էր կարդալ ու դրել։ Ուիիշ գրել։ Ուրիշ որտե՞ղ, ուր ռուս ժողովուրդր խմբվում է հոծ զանգվածներով, կառանձնացնեք երկու հարյուր հիսուն հոգանոց խումբ, որի կեսը գրագետ է։ Լսեցի հետագայում, թե ինչ-որ մեկն այդպիսի տվյալներից սկսել է հետևություններ անել, որ գրագիտությունը կործանում է ժողովրդին։ Սխալ է. միանգամայն ուրիշ են պատճառները, թեև չի կարելի չհամաձայնել, որ գրագիտությունը Ժողովրդի մեջ ինքնավստահություն է զարգացնում։ Սակայն չէ որ թերություն չէ դա ամենևին։ Բոլոր կարգերը զանազանվում էին հագուստով․ ոմանց բաճկոնների կեսը մուգ դարչնագույն էր, իսկ մյուս կեսը՝ մոխրագույն, նույնը՝ շալվարները. մի ոտքը մոխրագույն, մյուսը դարչնագույն։ Մի անգամ գործատեղում, կալանավորներին մոտեցած կալաչ ծախող աղջնակը երկար զննում էր ինձ, հետո հանկարծ քրքհաց. «Փո՛ւհ, ի՜նչ գեշ է,— ղժղժում էր նա,— ոչ մոխրագույն մահուդն է հերիքել, ոչ՝ սևը»։ Կային և այնպիսիք, ում բաճկոնն ամբողջ մոխրագույն մահուդից էր, միայն թևքերն էին մուգ դարչնագույն։ Գլուխն էլ էին խուզում տարբեր ձևերով. ոմանց գլխի կեսը խուզված էր գանգի առջևից ետ, մյուսներինը՝ կողքից կողք։
Առաջին հայացքից կարելի էր նկատել որոշ ցայտուն ընդհանրություն այդ համակ օտարոտի ընտանիքում։ Նույնիսկ ամենաթափով, ամենաինքնօրինակ անհատականությունները, որոնք ակամա իշխում էին ուրիշների վրա, նրանք էլ էին ջանում ընկնել ամբողջ բանտի ընդհանուր եղանակի մեջ։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ այդ ամբողջ ժողովուրդը, բացառությամբ սակավաթիվ որոշ անսպառ-զվարթաբարո մարդկանց, ինչի համար էլ համընդհանուր արհամարհանքի արժանացած, խոժոռադեմ էին, քինոտ, ահավոր սնափառ, պարծենկոտ, նեղացկոտ և ծայրաստիճան ձևապաշտ։ Ոչնչից չզարմանալու ընդունակությունը մեծագույն առաքինություն էր։ Բոլորը խելքները թռցրած էին արտաքնապես իրենց զսպելու վրա։ Սակայն հաճախ ամենագոռոզ տեսքը կայծակի արագությամբ փոխարինվում էր ամենափոքրոգիի։ Կային մի քանի իսկապես ուժեղ մարդիկ, որոնք պարզհոգի էին և ձևեր չէին թափում։ Բայց տարօրինակ մի բան. իսկապես ուժեղ այդ մարդկանցից մի քանիսը սնափառ էին՝ վերին աստիճանի, համարյա հիվանդության աստիճան։ Ընդհանրապես, սնափառությունը, արտաքինն առաջին պլանում էին։ Մեծամասնությունն այլասերված էր և ահավոր ապականված։ Բամբասանքն ու ասեկոսեներն անընդմեջ էին՝ դժոխք էր դա, անթափանց խավար։ Սակայն բանտի ներքին կանոնների և ընդունված սովորույթների դեմ ոչ ոք չէր համարձակվում ըրնդվզել, բոլորն էին ենթարկվում։ Խիստ արտահայտված բնավորություններ էին լինում, դժվարությամբ, ճիգով ենթարկվող, բայց և այնպես ենթարկվում էին։ Բանտ էին գալիս և այնպիսիք, որոնք այլևս լրիվ դուրս էին չափ ու սահմանից, դրսում անչափ շատ էին խախտած ամեն ինչ, այնպես որ կարծես ոչ ինքըստինքյան, կարծես չիմանալով ինչու, իրենց հանցանքներն էլ վերջում գործել էին կարծես զառանցանքի մեջ, մշուշված վիճակում՝ հաճախ ծայրաստիճան բորբոքված սնափառությունից։ Սակայն մեզ մոտ նրանց անմիջապես տեղն էին դնում, չնայած ոմանք, նախքան բանտ մտնելը, ամբողջ գյուղերի և քաղաքների սարսափն էին։ Չորսդին նայելով, նորեկը շուտով նկատում էր, որ իր իմացած տեղը չէ, որ այստեղ արդեն ոչ մեկին չես զարմացնի, և աննկատելիորեն զգաստանում էր ու ընդհանուր տոնը բռնում։ Այդ ընդհանուր տոնն արտաքնապես կազմվում էր ինչ֊որ առանձնահատուկ սեփական արժանապատվությունից, որով տոգորված էր բանտի համարյա յուրաքանչյուր բնակիչ։ Ճիշտ, կարծես իրականում, տաժանապարտի, դատապարտյալի կոչումը դառնում էր որևիցե մի աստիճան, այն էլ դեռ պատվավոր։ Ամոթի կամ զղջման և ոչ մի դրսևորում։ Իմիջիայլոց, ինչ֊որ մի արտաքին խոնարհություն էլ կար, այսպես ասած՝ պաշտոնական, մի տեսակ հանդարտ խրատաբանություն։ «Մենք կործանված մարդիկ ենք,— ասում էին նրանք,— չկարողացար ազատ ապրել, հիմա բեռդ քաշիր, օրերդ հաշվիր»։ «Չլսեցիր ծնող հորդ ու մորդ, հիմա թմբուկի ձայնը լսիր»։ «Չուզեցար հագնել ոսկեկար, հիմա մուրճդ առ, ջարդիր քար»։ Այս ամենն ասվում էր հաճախ, որպես խրատ և սովորական առակների և ասացվածքների ձևով, բայց երբեք լրջորեն։ Այդ ամենը սոսկ խոսք էր։ Հազիվ թե գոնե մեկնումեկը ներքուստ խոստովաներ իր անօրենությունը։ Ոչ տաժանապարտներից մեկնումեկը թող փորձեր կշտամբել կալանավորին՝ գործած հանցանքի համար, նախատել նրան (թեև, իմիջիայլոց, ռուսական ոգուն հարիր չէ նախատել հանցագործին), հայհոյանքներին վերջ չէր լինի։ Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։ Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։ Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։
«Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին, ուստիև բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։ Մի տեսակ ակամա հարգում էին նրանց, իսկ իրենց կողմից, թեև հաճախ ու շատ էին խանդոտ իրենց փառքի նկատմամբ, սակայն ընդհանրապես աշխատում էին ուրիշներին նեղություն չտալ, փուչ վեճուկռվի չէին բռնվում, իրենց պահում էին անսովոր արժանապատվությամբ, կշռադատ էին և համարյա մշտապես հնազանդ ղեկավարությանը՝ ոչ հնազանդության սկզբունքից, ոչ պարտականությունների գիտակցումից, այլ այնպես, կարծես ինչ֊որ պայմանագրով, փոխադարձ օգուտն երը օգուտները գիտակցելով։ Իմիջիայլոց, նրանց հետ էլ զդուշորեն էին վարվում։ Հիշում եմ, ինչպես նման կալանավորներից մեկին՝ անվախ ու վճռական, իր գազանային հակումներով ղեկավարությանը հայտնի մի մարդու, մի անգամ կանչեցին պատիժը կրելու ինչ֊որ հանցանքի համար։ Ամառ օր էր, ոչ աշխատանքային։ Շտաբ-սպան, բանտի ամենամերձ և ամենաանմիջական պետը, ինքն էր եկել կորդեգարդիա, որն ուղիղ մեր դարպասի մոտ էր, ներկա գտնվելու պատժին։ Այդ մայորը մի տեսակ ճակատագրական էակ էր կալանավորների համար, նրանց հասցրել էր այն վիճակին, որ սարսռում էին իրենից։ Խելագարության աստիճան խիստ էր, «վրա էր պրծնում մարդկանց», ինչպես ասում էին տաժանապարտները։ Ամենից ավելի սարսափում էին նրա թափանցող, լուսանային հայացքից, որից ոչինչ չէր լինի թաքցնել։ Նա տեսնում էր մի տեսակ առանց նայելու։ Բանտ մտնելով, արդեն գիտեր, թե ինչ է կատարվում հակառակ ծայրին։ Կալանավորները նրան կոչում էին ութաչքանի։ Նրա որդեգրած կարգը խաբուսիկ էր։ Նա միայն չարացնում էր արգեն արդեն չարացած մարդկանց իր կատաղի, չարամիտ արարքներով, և եթե նրանից վեր չլիներ պարետը՝ վեհանձն ու կշռադատ, ենթակայի վայրի արարմունքները զսպող մեկը, ապա իր կառավարմամբ նա մեծ փորձանքների կհանգեցներ։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր նա բարեհաջող ավարտել․ պաշտոնաթող եղավ ողջ և առողջ, թեև, իմիջիայլոց, դատի տրվեց։
Կալանավորր Կալանավորը գունատվեց, երբ նրան կանչեցին։ Սովորաբար, նա լուռ և վճռական պառկում էր ճիպոտահարվելու, լուռ դիմանում էր պատժին ու դրանից հետո ոտքի ելնում գզգզվածի պես, սառնարյուն և փիլիսոփայորեն նայելով կատարված փորձանքին։ Ի դեպ, նրա հետ միշտ զգուշորեն էին վարվում։ Բայց այս անգամ, չգիտես ինչու, իրեն արդար էր համարում։ Նա գունատվեց, և պահակներից ծածուկ, հասցրեց թևքի մեջ մտցնել կոշկակարի անգլիական սուր գանակը։ դանակը։ Դանակներ ու ամեն տեսակի սուր գործիքներ խստիվ արգելված էին բանտում։ Խուզարկությունները հաճախակի էին և բավականին լուրջ, պատիժները՝ դաժան։ Բայց քանի որ դժվար է գողի մոտ որևէ բան գտնել, երբ նա առանձնապես որոշել է ինչ֊որ բան թաքցնել, և քանի որ դանակներն ու գործիքները մշտապես անհրաժեշտ էին բանտում, ապա չնայած խուզարկություններին, դրանք չէին վերանում։ Իսկ եթե վերցնում էլ էին, ապա անմիջապես նորերն էին հայտնվում։ Ամբողջ կալանավայրը խռնվել էր ցանկապատի մոտ և խանձացցերի արանքներից նայում էր՝ շունչը պահած։ Բոլորը գիտեին, որ Պետրովն այս անգամ չի ուզենա պառկել ճիպոտների տակ, և որ մայորի վերջն եկել է։ Բայց ամենավճռական պահին մեր մայորը նստեց կառքն ու հեռացավ՝ պատժի ի կատար ածումը հանձնարարելով մեկ ուրիշ սպայի։ «Աստված փրկեց»,— հետո ասում էին կալանավորները։ Իսկ ինչ վերաբերում է Պետրովին, նա շատ հանգիստ դիմացավ պատժին։ Նրա զայրույթը չքացավ մայորի գնալուն պես։ Կալանավորը հլու և հնազանդ է մինչև որոշակի աստիճան, բայց կա մի սահման, որը պետք չէ անցնել։ Իմիջիայլոց, ավելի հետաքրքրական ոչինչ չի կարող լինել անհնազանդության և ընդվզման այդ արտառոց պոռթկումներից։ Հաճախ մարդը հանդուրժում է մի քանի տարի, հնազանդվում է, կրում դաժանագույն պատիժներ ու հանկարծակի պոռթկում մի փոքր, դատարկ բանի վրա, համարյա թե հենց այնպես։ Ուրիշ հայացքով, կարելի է դա նույնիսկ խելագարություն կոչել, այդպես էլ անում են։
Արդեն ասել եմ, որ տարիներ շարունակ այդ մարդկանց մեջ չեմ տեսել ոչ զղջման նվազագույն արտահայտություն, ոչ ծանր մտորումների հատիկ՝ իրենց գործած հանցանքի շուրջ և որ նրանց մեծ մասն իրեն ներքուստ միանգամայն արդար է համարում։ Դա փաստ է։ Հարկավ, սնափառությունը, վատ օրինակները, կտրիճությունը, կեղծ ամոթը մեծապես պատճառ են դրան։ Մյուս կողմից, ո՞վ կարող է ասել, թե պեղել է այդ տարաբախտ սրտերի խորքը և կարդացել այնտեղ մի խորհրդավոր բան համակ աշխարհից։ Սակայն չէ որ կարելի էր այդքան տարիների ընթացքում գեթ մի բան նկատել, բռնել, որսալ այդ սրտերում, գեթ որևէ մի գիծ, որ կվկայեր ներքին տրտմություն, տառապանք։ Բայց դա չկար, ամենևին չկար։ Այո, հանցագործությունը կարծեմ թե չի կարող իմաստավորվել տվյալ, պատրաստի տեսակետներից, և դրա փիլիսոփայությունը որոշակի չափով ավելի դժվարին է, քան ենթադրում են։ Անշուշտ, բանտերը և հարկադիր աշխատանքի համակարգը չեն ուղղում հանցագործին, դրանք սոսկ պատժում են և ապահովում հասարակության հանգստությունը՝ չարագործի հետագա ոտնձգություններից։ Իսկ հանցագործի մեջ բանտը և ամենախստացրած տաժանակիր աշխատանքը զարգացնում են սոսկ ատելություն, արգելված վայելքների ծարավ ու ահավոր թեթև ամտություն։ Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։ Իհարկե, հասարակության դեմ ելած հանցագործն ատում է նրան, միշտ իրեն է արդարացի համարում, իսկ հասարակությանը՝ մեղավոր։ Բացի դրանից, նա արդեն պատիժ կրել է հասարակության կողմից, իսկ համարում է իրեն դրանից մաքրված, հաշիվը փակած։ Վերջապես, նման տեսակետներով կարելի է դատել, թե համարյա ստիպված ես արդարացնել հանցագործին։ Սակայն, չնայած հնարավոր բոլոր տեսակետներին, յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ կան հանցանքներ, որոնք միշտ և ամենուրեք, ամենատարբեր օրենքներով, աշխարհի սկզբից իսկ համարվում են աներկբա հանցանքներ և այդպիսին կհամարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մարդ է մնում։ Միայն բանտում ես լսեցի պատմություններ ամենազարհուրելի, ամենաանբնական արարքների մասին, ամենահրեշավոր սպանությունների մասին՝ պատմված ամենաանզուսպ, ամենամանկական զվարթ ծիծաղով։ Հիշողությանս մեջ հատկապես մնացել է մի հայրասպան։ Ազնվականներից էր, ծառայում էր և իր վաթսունամյա հոր մի տեսակ անառակ որդին էր։ Կատարյալ անբարո վարք ուներ, խրվել էր պարտքերի մեջ։ Հայրը սահմանափակում էր նրան, հորդորում, սակայն հայրը տուն ուներ, ագարակ, ենթադրվում էր՝ փող, և... որդին սպանել էր նրան, ժառանգության ծարավով։ Հանցանքը բացահայտվել էր միայն մեկ ամիս անց։ Մարդասպանն ինքն էր հայտնել ոստիկանությանը, որ հայրն անհետացել է՝ չգիտեն որտեղ։ Ամբողջ այդ ամիս իրեն պահել էր անչափ անառակավարի։ Վերջապես, նրա բացակայությամբ, ոստիկանությունը գտել էր դիակը։ Բակում, ամբողջ երկայնքով, աղտեղությունների հեռացման համար առու կար՝ տախտակներով ծածկված։ Մարմինն այդ առվի մեջ էր։ Հագցված, պատրաստված էր, ալեհեր գլուխը լրիվ կտրած ու դրված մարմնի վրա, իսկ գլխի տակ մարդասպանը բարձ էր դրել։ Նա չէր խոստովանել, զրկվել էր ազնվականությունից, աստիճանից և տաժանակրության ուղարկվել քսան տարով։ Ամբողջ Ժամանակ, ինչքան ապրեցի նրա հետ, շատ հիանալի և զվարթ հոգեվիճակի մեջ էր։ Երեսառած, թեթևամիտ, վերին աստիճանի անկշռադատ մարդ էր, թեև ամենևին ոչ անխելք։ Նրա մեջ երբեք չեմ նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Կալանավորներն արհամարհում էին նրան ոչ թե հանցանքի պատճառով, որի մասին խոսք իսկ չկար, այլ որովհետև իրեն պահել չէր կարողանում։ Խոսքի մեջ հանկարծ կհիշեր հորը։ Մի անգամ, ինձ հետ խոսելով իրենց ընտանիքում ժառանգական առողջ կազմվածքի մասին, ավելացրեց. «Ահա, ''իմ ծնող հայրն'', օրինակ, մինչև մեռնելը, չի բողոքել որևէ մի հիվանդությունից»։ Այդպիսի գազանային անզգայնություն, անշուշտ, հնարավոր չէ։ Ֆենոմեն է սա, կառուցվածքի որևիցե արատ, մարմնական և հոգեկան ինչ-որ այլանդակություն՝ դեռևս անհայտ գիտությանը, և ոչ թե սովորական հանցանք։ Իհարկե, ես չէի հավատում այդ հանցագործությանը։ Բայց նրա համաքաղաքացիները, ովքեր պիտի իմանային նրա պատմության բոլոր մանրուքները, ինձ պատմեցին ամբողջ գործը։ Փաստերն այնքան էին հստակ, որ անհնար էր չհավատալ։
Պետական տաժանակիր ճորտական աշխատանքը զբաղմունք չէր, այլ պարտականություն. կալանավորն աշխատում-լրացնում էր իր կետարքը, կամ լրացնում աշխատանքի՝ օրենքով սահմանված ժամերը և ետ էր գալիս բանտ։ Աշխատանքին նայում էին ատելությամբ։ Առանց իր առանձնահատուկ, սեփական զբաղմունքի, որին կնվիրվեր ամբողջ մտքով, իր համակ հաշվարկով, մարդը բանտում ապրել չէր կարող։ Եվ էլ ի՞նչ եղանակով այդ ամբողջ բազմությունը՝ զարգացած, եռանդով ապրած և ապրել կամեցող, բռնությամբ կիտված այստեղ, բռնությամբ կտրված հասարակությունից և նորմալ կյանքից, կարող էր համակերպվել այստեղ կանոնավոր և նորմալ, իր կամքով և ցանկությամբ։
Միայն պարապությունից այստեղ նրա մեջ կզարգանային այնպիսի հանցավոր հատկություններ, որոնց մասին նախկինում պատկերացում իսկ չուներ։ Առանց աշխատանքի և առանց օրինական, նորմալ սեփականության, մարդը չի կարող ապրել, կայլասերվի, կվերածվի գազանի։ Դրա համար էլ բանտում ամեն ոք, ի հետևանք բնական պահանջմունքի և ինքնապահպանման ինչ-որ զգացմունքի, ուներ իր արհեստն ու զբաղմունքը։ Ամռան երկար օրը համարյա ծայրեծայր լցված էր պետական աշխատանքով, կարճ գիշերին հազիվ հասցնում էին քուններն առնել։ Բայց ձմռանն, ըստ կանոնագրքի, մթնշաղն ընկնելուն պես կալանավորը պիտի փակվեր բանտում։ Իսկ ի՞նչ անել ձմռան երեկոյի երկար ու ձիգ, տաղտուկ ժամերին։ Այդ պատճառով էլ համարյա յուրաքանչյուր բանտասենյակ, չնայած արգելքին, վերածվում էր հսկայական արհեստանոցի։ Որպես այդպիսին՝ աշխատանքը, զբաղմունքն արգելված չէին, սակայն խստիվ արգելված էր բանտում, իր մոտ գործիքներ ունենալ, իսկ առանց դրանց, գործ անել չէր լինի։ Սակայն սուսուփուս աշխատում էին, և թվում է, ղեկավարությունը որոշ դեպքերում շատ աչալուրջ չէր հետևում դրան։ Շատ կալանավորներ բանտ էին գալիս՝ ոչինչ չգիտենալով, բայց սովորում էին մյուսներից և հետո ազատվում որպես լավ արհեստավորներ։ Այստեղ կային թե սապոգ ու ոտնաման կտրուղներ, թե դերձակներ, թե ատաղձագործներ ու փականագործներ, դրվագողներ, ոսկերիչներ։ Մի հրեա կար՝ Իսայ Բումշտեյնը, ոսկերիչ էր, միաժամանակ և վաշխառու։ Բոլորն էլ աշխատում էին և քիչումիչ վաստակում։ Աշխատանքի պատվերներ ձեռք էին բերվում քաղաքից։ Փողը կոփածո ազատություն է, ուստի ազատությունից կատարելապես զրկված մարդու համար, դա տասնապատիկ թանկ էր։ Եթե միայն փող էր զնգզնգում գրպանում, կալանավորն արդեն կիսով չափ սփոփված էր, թեև չէր կարող ծախսել։ Սակայն փողը միշտ և ամենուրեք կարելի է ծախսել, առավել ևս, որ արգելված պտուղը կրկնակի քաղցր է։ Իսկ տաժանավայրում նույնիսկ խմիչք կարելի էր ունենալ։ Ծխամորճերը խստագույնս արգելված էին, բայց բոլորր ծխում էին։ Փողը եւ ծխախոտը փրկում էին լնդաախտից և ուրիշ հիվանդություններից։ Իսկ աշխատանքը փրկում էր հանցանքներից, առանց աշխատանքի կալանավորները կուտեին միմյանց, ինչպես սարդերն ապակյա ամանի մեջ։ Չնայած դրան՝ թե աշխատանքը, թե փողն արգելված էին։ Հաճախ հանկարծակի խուզարկություններ էին արվում գիշերով, արգելված ամեն ինչ խլում էին, ու ինչպես էլ թաքցված լիներ փողը, այնուամենայնիվ, երբեմն ընկնում էր խուզարկուների ձեռքը։ Մասամբ ահա թե ինչու փողը չէին հավաքում, այլ շուտափույթ խմելու տալիս, ահա թե ինչու բանտում խմիչք էլ կար։ Ամեն խուզարկությունից հետո, մեղավորը, բացի որ զրկվում էր ամբողջ ունեցվածքից, սովորաբար պատժվում էլ էր ցավաշատ։ Սակայն, ամեն խուզարկությունից հետո, տեղնուտեղը լրացվում էր պակասը, անհապաղ ձեռք էին բերվում նոր իրեր, և ամեն ինչ ընթանում էր հնի պես։ Թե՛ ղեկավարությունը դիտեր դա, թե՛ կալանավորները չէին տրտնջում պատիժներից, թեև այդպիսի կյանքը նման էր Վեզուվի վրա բնակայթյուն բնակություն հաստատածների կյանքին։
Ով արհեստ չուներ, գործում էր այլ կերպ։ Բավական ինքնօրինակ միջոցներ կային։ Օրինակ, ոմանք զբաղվում էին միայն վերավաճառքով, իսկ երբեմն վաճառվում էին այնպիսի իրեր, որոնք բանտի պատերից դուրս, մեկնումեկի մտքով իսկ չէր անցնի ոչ միայն գնել ու վաճառել դրանք, այլև իր համարել։ Սակայն տաժանավայրը շատ էր չքավոր և չափազանց արդյունաբերող։ Վերջին լաթը գին ուներ և մի տեղ բանեցվում էր։ Հենց չքավորության պատճառով էլ փողը բանտում միանգամայն ուրիշ արժեք ուներ, քան դրսում։ Մեծ ու բարդ աշխատանքի դիմաց գռոշներ էին վճարում։ Ոմանք հաջողությամբ վաշխառություն էին անում։ Ունեցածը վատնած կամ սնանկացած կալանավորն իր վերջին իրերը կտաներ վաշխառուի մոտ և մի քանի պղնձադրամ կստանար նրանից՝ սարսափելի տոկոսով։ Եթե ժամանակին ետ չգներ, այդ իրերն անհապաղ և անողոքաբար կծախվեին։ Վաշխառությունն այնպես էր ծաղկել, որ գրավ էին ընդունում նույնիսկ պետական, հսկվող բաները, այն է՝ բանտի սպիտակեղեն, կոշիկ կտրելու հումք և այլն, իրեր, որոնք կալանավորին պետք էին ամեն պահի։ Սակայն նման գրավների դեպքում պատահում էր նաև գործի մեկ ուրիշ շրջվածք, ի դեպ, ոչ լրիվ անսպասելի. գրավ դրած և փողն ստացածն իսկույն գնում էր ավագ ենթասպայի՝ բանտի ամենամերձ պետի մոտ, մատնում հսկվող իրերը գրավ վերցնելու մասին, և դրանք տեղնուտեղը վաշխառուից ետ էին խլվում, նույնիսկ առանց վերադաս ղեկավարությանը զեկուցելու։ Հետաքրքրական է, որ այդ դեպքում երբեմն նույնիսկ վեճ չէր լինում. վաշխառուն, լուռ, ու մռայլված, ետ էր տալիս ինչ հարկն էր և նույնիսկ կարծես ինքն էլ էր սպասում, որ այդպես է լինելու։ Գուցեև, չէր կարող ինքն էլ չգիտակցել, որ գրավատուի տեղն ինքն էլ այդպես կաներ։ Ուստի, եթե երբեմն նույնիսկ հետո հայհոյում էլ էր, ապա առանց որևէ չարացածության, այլ այնպես, հոգու հանգստության համար։
Ընդհանրապես, բոլորը գողանում էին իրարից ահավոր չափերով։ Համարյա յուրաքանչյուրն իր սնդուկն ուներ՝ կողպեքով, բանտի իրերը պահելու համար։ Դա թույլատրվում էր, բայց սնդուկները չէին փրկում։ Կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ի՜նչ վարպետ գողեր կային այնտեղ։ Ինձ անկեղծորեն նվիրված մի կալանավոր (ասում եմ առանց որևէ ավելորդաբանության), ինձնից գողացավ Աստվածաշունչը, միակ գիրքը, որ թույլատրվում էր ունենալ տաժանավայրում։ Նույն օրն ինքն ինձ խոստովանեց ոչ թե զղջալով, այլ խղճալով ինձ, որովհետև երկար ժամանակ փնտրում էի։ Օղեվաճառներ կային, որոնք խմիչքի առևտուր էին անում և արագ հարստանում։ Այս վաճառքի մասին երբևէ կասեմ առանձնապես, բավականաչափ հետաքրքիր է։ Բանտում շատ կային մաքսանենգության համար նստածներ, ուստի զարմանալու հարկ չկա, թե նման զննումների և պահախմբերի առկայությամբ, ինչպես էր խմիչք բերվում բանտ։ Իմիջի այլոց, մաքսանենգությունն իր բնույթով, մի տեսակ առանձնահատուկ հանցանք է։ Օրինակ, կարելի՞ է, արդյոք, պատկերացնել, որ փողը, շահն այս կամ այն մաքսանենգի համար երկրորդական դեր են խաղում, երկրորդ տեղում են։ Այնինչ, հենց այդպես է լինում։ Մաքսանենգը գործում է կրքով, ըստ կոչման։ Մասամբ պոետ է նա։ Նա վտանգում է ամեն ինչ, գնում է ահավոր սպառնալիքի, խորամանկում է, հորինում, դուրս է պրծնում, երբեմն նույնիսկ գործում ինչ-որ ոգեշնչմամբ։ Այդ մոլուցքը նույնքան զորեղ է, ինչքան և թղթախաղը։ Բանտում մի կալանավոր գիտեի՝ վիթխարահասակ, սակայն այնքան հեզ, սուսուփուս, խոնարհ, որ պատկերացնել չէր լինի, թե ինչպես է հայտնվել բանտում։ Այն աստիճան անչար էր և հանդուրժող, որ բանտում եղած ամբողջ ժամանակ ոչ մեկի հետ վեճի մեջ չմտավ։ Բայց նա արևմտյան սահմանից էր, նստել էր մաքսանենգության համար և, իհարկե, չէր կարող դիմանալ ու սկսեց խմիչք անցկացնել։ Քանի անգամ պատժեցին նրան դրա համար, և ինչպես էր վախենում ճիպոտներից։ Եվ խմիչք ներս բերելն էլ ամենաողորմելի եկամուտ էր բերում։ Խմիչքից հարստանում էր միայն մի անտրեպրենյոր։ Խենթը սիրում էր արվեստն արվեստի համար։ Կնկա պես լալկան էր և քանի-քանի անգամ, պատժվելուց հետո, երդվում ու խոստանում էր մաքսանենգություն չանել։ Արիությամբ ինքն իրեն դիմադրում էր երբեմն ամբողջ մի ամիս, բայց և ի վերջո, չէր դիմանում այնուամենայնիվ... Հենց այդ անձանց շնորհիվ էլ խմիչքը չէր պակասում բանտում։
Վերջապես, մի եկամուտ էլ կար, որը թեև չէր հարստացնում կալանավորներին, սակայն մշտական էր և բարեշնորհ։ Ողորմությունն էր։ Մեր հասարակության բարձր դասը պատկերացում չունի, թե «թշվառականների» համար ինչպես են հոգում վաճառականները, քաղքենիները և համարյա ամբողջ ժողովուրդը։ Ողորմությունը լինում է համարյա անընդմեջ և համարյա միշտ՝ հացով, բլիթներով, կալաչներով, շատ ավելի սակավ՝ փողով։ Առանց այդ ողորմությունների, շատ տեղերում կալանավորների, հատկապես ենթադատների համար, ովքեր ավելի խիստ պայմաններում են, քան դատապարտվածները, չափից ավելի դժվար կլիներ։ Ողորմությունը կրոնավայել հավասար էր բաժանվում կալանավորների միջև։ Եթե չէր հերիքում բոլորին, կալաչները կտրատվում էին հավասար, երբեմն վեց մասի, և յուրաքանչյուրն անպայման ստանում էր իր բաԺինը։ Հիշում եմ, ինչպես առաջին անգամ դրամական ողորմություն ստացա։ Դա եղավ բանտ գալուց ոչ շատ ուշ։ Վերադառնում էի առավոտյան աշխատանքից մենակ, պահնորդի հետ։ Դիմացիցս անցան մայր ու աղջիկ, դստրիկը տասը տարեկան կլիներ, հրեշտակի պես սիրունիկ։ Մի անդամ անգամ արդեն տեսել էի նրանց։ Մայրը զինվորի այրի էր։ Ամուսինը՝ երիտասարդ զինվոր, դատի տակ էր եղել և վախճանվել հոսպիտալում, կալանավորական հիվանդասենյակում, այն ժամանակ երբ ես էլ էի հիվանդ պառկած այնտեղ։ Կինն ու դուստրը եկել էին հրաժեշտ տալու, երկուսն էլ ահավոր լալիս էին։ Ինձ տեսնելով, աղջնակը շառագունեց, ինչ֊որ բան շշնջաց մորը, որն իսկույն կանգ առավ, պայուսակի մեջ քառորդ կոպեկ գտավ ու տվեց դստերը։ Աղջնակը վազեց իմ ետևից. «Առ, թշվառական, վերցրու կոպեկը Քրիստոսի սիրուն»,— բղավում էր նա, առաջ վազելով ինձնից և կոպեկը ձեռքս խոթելով։ Ես վերցրի նրա կոպեկանոցը, և աղջնակը մոր մոտ գնաց միանգամայն գոհ։ Այդ քառորդ կոպեկանոցը երկար ժամանակ պահում էի մոտս։
=== II։ Առաջին տպավորություններ ===
Դեռ երեկ երեկոյից նկատել էի, որ ինձ խեթ են նայում։
Արդեն բռնել էի մի քանի մռայլ հայացք։ Հակառակը, ուրիշ կալանավորներ չուրջս պատվում շուրջս պտտվում էին, կասկածելով, թե հետս փող եմ բերել։ Անմիջապես սկսեցին ծառայություններ անել, սովորեցրին ինչպես կրեմ նոր կալանդները, ինձ համար, իհարկե փողով, մի փոքր սնդուկ գտան՝ փակով, որ դրա մեջ պահեմ արդեն ինձ տված բանտային իրերը և մի քանի ձեռք սպիտակեղենը, որ հետս էի բերել բանտ։ Հաջորդ իսկ օրը դրանք գողացան ինձնից ու խմելու տվին։ Նրանցից մեկը հետագայում դարձավ ինձ ամենանվիրված մարդը, թեև չէր դադարում գողանալ իրերս ամեն հարմար դեպքում։ Դա անում էր նվազագույնս չքաշվելով, համարյա անգիտակցաբար, կարծես պարտականությամբ, նրա վրա անհնար էր բարկանալ։
Իմիջիալյոց, նրանք սովորեցրին, որ պիտի իմ թեյն ունենամ, որ վատ չի լինի նաև թեյնիկ ձեռք բերել, իսկ առայժմ օգտագործելու բերեցին ուրիշինը և երաշխավորեցին մի խոհարարի, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար կեփի ինչ ուզեմ, եթե կուզենամ հատուկ ուտել ու մթերք գնել ինձ համար... Անշուշտ, փող պարտք արեցին և յուրաքանչյուրն առաջին մեկ օրվա ընթացքում մի երեք անգամ եկավ՝ պարտք վերցնելու։
Նրանք սիրով էին հետևում մեր տառապանքներին, որոնք ջանում էինք ցույց չտալ նրանց։ Սկզբում առանձնապես տանջվում էինք գործատեղում, քանի որ նրանց ուժը չունեինք և չէինք կարողանում լիուլի օգնել նրանց։ Ավելի դժվար ոչինչ չկա, քան ժողովրդի վստահությունը շահելը (հատկապես այդպիսի ժողովրդի) և նրանց սերը վաստակելը։
Տաժանավայրում մի քանի հոգի կային ազնվականներից։ Նախ և առաջ, մի հինգ հոգի լեհ։ Նրանց մասին երբևէ կասեմ հատկապես։ Տաժանապարտներն անասելի չէին սիրում լեհերին, նույնիսկ ավելի, քան մյուս ազնվական աքսորյալներին։ Լեհերը (ես խոսում եմ քաղաքական հանցագործների մասին) իրենց պահում էին մի տեսակ նրբին, վիրավորական քաղաքավարությամբ, ծայրաստիճան անհաղորդակից էին և ոչ մի կերպ չէին կարողանում կալանավորներից թաքցնել իրենց նողկանքր նողկանքը նրանց հանդեպ, իսկ վերջիններս շատ լավ հասկանում էին դա և փոխադարձում համարժեք։
Ինձ պետք եկավ համարյա երկու տարի ապրել բանտում, որոշ տաժանապարտների բարեհաճությունը ձեռք բերելու համար։ Սակայն նրանց մեծ մասն ի վերջո սիրեց ինձ և ճանաչեց որպես «լավ» մարդ։
Բայց չնայած, որ կալանավորները խնդմնդում էին Ակիմ Ակիմիչի խենթությունների վրա, այնուամենայնիվ, հարգում էին նրան ճշտակատարության և հմտության համար։
Չկար մի արհեստ, որ չգիտենար Ակիմ Ակիմիչը։ Ատաղձագործ էր, կոշկակար, սոլկար, ներկարար, ոսկեջուր անող, փականագործ, և այդ ամենը սովորել էր արդեն տաժանավայրում։ Ամեն ինչ անում էր ինքնուս եղանակով, մի անգամ կնայեր ու կաներ։ Սարքում էր նաև զանազան արկղներ, զամբյուղներ, լապտերիկներ, մանկական խաղալիքներ ու վաճառում դրանք քաղաքում։ Այդպիսով, քիչումիչ փող ունենում էր և անմիջապես ծախսում ավելորդ ձեռք սպիտակեղենի, ավելի փափուկ բարձի վրա, ձեռք բերեց ծալովի ներքնակ։ Ինձ հետ նույն բանտասենյակում էր տեղավորվել, և տաժանակրությալ տաժանակրության առաջին օրերին շատ ծառայություններ մատուցեց ինձ։
Բանտից գործի գնալիս, կալանավորները շարվում էին կորդեգարդիայի առաջ, երկու շարքով, կալանավորների առջևից և ետևից շարվում էին պահախմբի զինվորները՝ լցված զենքերով։ Հայտնվում էին՝ ինժեներական սպան, ավագ ենթասպան, ինժեներական մի քանի ստորին աստիճանավորներ, աշխատանքը հսկող պրիստավներ։ Ենթասպան հաշվում էր կալանավորներին և խումբ֊խումբ ուղարկում աշխատելու՝ ուր պետք էր։
Բայց դա արդեն գիտեի։ Հատկապես ուզում էի հարցուվարձ անել մեր մայորի մասին։ Ակիմ Ակիմիչը ծածկամտություն չէր անում, և հիշում եմ, տպավորությունս ամենևին դուրեկան չէր։
Սակայն դեռ երկու տարի ինձ վիճակված էր ապրել նրա ղեկավարության տակ։ Այն ամենն, ինչ նրա մասին պատմեց Ակիմ Ակիմիչը, միանգամայն իրավացի էր, այն տարբերությամբ սոսկ, որ իրականության տպավորությունը միշտ ավելի ուժեղ է, քան պարզ պատմության տպավորությունը։ Զարհուրելի էր այդ մարդը հենց այն պատճառով, որ նման մարդը պետ էր համարյա անսահմանափակ իշխանությամբ՝ երկու հարյուր հոգու վրա։ Ինքնըստինքյան, դա մի խառնիխուռն, չարահոգի մարդ էր, ուրիշ ոչինչ։ Կալանավորներին նայում էր որպես բնական թշնամիների, և դա նրա առաջին ու գլխավոր սխալն էր։ Իրապես, մի քանի ընդունակություն ուներ։ Սակայն ամեն բան, նույնիսկ լավը, նրա մեջ ներկայանում էր այդպիսի խեղաթյուրված տեսքով։ Անզուսպ, չարացած՝ նա բանտ էր խուժում երբեմն նույնիսկ գիշերով, իսկ եթե նկատեր, որ կալանավորը քնած է ձախ կողի վրա կամ բերանքսիվայր, ապա առավոտյան կպատժեր նրան. «Կքնես սջ աջ կողիդ, ինչպես ես եմ հրամայել»։ Բանտում նրան ատում էին և վախենում, ինչպես ասես ժանտախտից։ Դեմքը կարմրատակած էր, չարացած։ Բոլորը գիտեին է որ նա իր սպասյակ Ֆեդկայի բռի մեջ է։ Իսկ ամենից շատ նա սիրում էր իր Տրեզորկա պուդել շանը և քիչ էր մնացել խելագարվեր, երբ շունը հիվանդացավ։ Ասում են, հեկեկում էր շան վրա, ինչպես հարազատ որդու։ Վռնդեց մի անասնաբույժի և, սովորության համաձայն, քիչ էր մնացել կռվեր հետը, և Ֆեդկայից լսելով, որ բանտում մի կալանավոր կա՝ ինքնուս անասնաբույժ, որը բուժում է արտակարգ հաջող, անմիջապես կանչել տվեց նրան.
― Փրկիր։ Քաշով մեկ ոսկի կտամ, բուժիր Տրեզորկային,— բղավեց նա կալանավորի վրա։
― Ասացեք, խնդրեմ,— շարունակեցի հարցուփորձ անել լեհին,— չէ որ նրանք էլ են իրենց ուտելիքն ուտում, իսկ ես թեյ եմ խմում։ Այնինչ, նրանք նայում են, կարծես նախանձում են այդ թեյին։ Սա ի՞նչ է նշանակում։
― Դա թեյի համար չէ,— պատասխանեց լեհը։— Նրանք չարանում են ձեզ վրա, որովհետև ազնվական եք և նման չեք իրենց։ Նրանցից շատերը կկամենային կպչել ձեզնից։ Շատ կուզեին ձեզ վիրավորել, նսեմացնել։ Դեռ շատ տհաճ բաներ կտեսնեք այստեղ։ Այստեղ ահավոր ծանր է բոլորիս համար։ Ամենքից ծանրը մեզ համար է բոլոր առումներով։ Բավական շատ անտարբերություն է պետք՝ դրան վարժվելու համար։ Դուք դեռ շատ տհաճությունների և կռվշտոցի կհանդիպեք թեյի և հատուկ սննդի համար, չնայած, որ այստեղ շատերր շատերը և շատ հաճախ իրենց պարենն են ուտում, ոմանք էլ մշտապես թեյ են խմում։ Նրանց կարելի է, մեզ՝ ոչ։
Ասելով սա, նա վեր ելավ ու հեռացավ սեղանից։ Մի քանի րոպե անց կատարվեցին նաև նրա խոսքերը։
― Դե, էլ ի՛նչ։ Էդպես էլ թող լինի քեզ համար։ Գիտեմ, որ մեղք եմ գործում, բայց թող լինի․․․ Էս անգամ քեզ կներեմ, թեթև կպատժեմ։ Լավ, իսկ որ դրանով հենց քեզ վնաս տա՞մ։ Հրես, քեզ ներեմ, թեթև պատժեմ, դու էլ հուսով լինես, որ մյուս անգամ էլ էդպես կլինի, բռնես ու նոր հանցանք գործես, էն ժամանա՞կ ինչ։ Ախր, հոգուս մեղք արած կլինեմ...
― Ձերդ ազնվություն, բարեկամ-թշնամուս կարգելեմ։ Այ, ոնց որ երկնքի տիրակալի գահի առաջ...
― Էհ, դե լավ, լավ։ Բայց ինձ կերդվե՞ս, որ սրանից հետո քեզ լավ ես պահելու։
=== III։ Շարունակությունը ===
Ես հիմա խոսել սկսեցի պատիժների, հավասարապես նաև այդ հետաքրքիր պարտականությունների տարբեր կատարողների մասին, սոսկ այն պատճառով, որ տեղափոխվելով հոսպիտալ, այդ ժամանակ էլ հենց առաջին ակնառու ըմբռնումը ստացա բոլոր այդ գործերի մասին։ Մինչ այդ միայն լսելով գիտեի։ Մեր երկու հիվանդասենյակներում էին խմբված շպիցռուտեններով պատժված բոլորը՝ գումարտակներից, կալանավորական բաժանմունքներից և ուրիշ զորախմբերից՝ տեղավորված մեր քաղաքում և ամբողջ շրջակայքում։ Այդ առաջին շրջանում, երբ շուրջս կատարվող ամեն ինչին դեռես այնքան ագահորեն հետևում էի, ինձ համար բոլոր այդ տարօրինակ կարգերը, բոլոր այդ պատժվածները և պատժին նախապատրաստվողները, բնականաբար, շատ ուժեղ տպավորություն էին գործում։ Ես հուզված էի, շշկլված, վախեցած։ Հիշում եմ, որ այն ժամանակ էլ հանկարծակի և անհամբեր սկսեցի խորանալ այդ նոր երևույթների բոլոր մանրուքների մեջ, այդ թեմայով խոսակցություններ և պատմություններ լսել ուրիշ կալանավորներից, ինքս էի հարցեր տալիս, լուծումներ որոնում։ Իմիջիայլոց, ուզում էի գիտնալ վճիռների և ի կատար ածումների բոլոր աստիճաններն՝ անպայման, պատժումների բոլոր երանգները, իրենց՝ կալանավորների տեսակետներն այդ ամենի մասին։ Ջանում էի պատկերացնել պատժի գնացողների հոգեբանական վիճակը։ Արդեն ասել եմ, որ պատժից առաջ հազիվ թե մեկնումեկը սառնարյուն լիներ, չբացառելով անգամ նրանց, որոնք նախապես քանիցս ծեծվել էին։ Այստեղ ընդհանրապես դատապարտվածների վրա իջնում է մի տեսակ սուր, սակայն զուտ ֆիզիկական վախ, ակամա և անդիմադրելի, մարդու համակ հոգեկան էությունը ճնշող վախ։ Հետագայում էլ, մի քանի բանտային տարիների կյանքում, ակամա հետևում էի այն դատապարտվածներին, որոնք պատժի առաջին կեսից հետո հոսպիտալում պառկելուց և մեջքներն ապաքինելուց հետո, դուրս էին գրվում, վաղն ևեթ մահակների՝ հաստատված մնացած կեսը կրելու։ Պատիժը երկու կեսի բաժանելը միշտ կատարվում է պատժին ներկա բժշկի վճռով։ Եթե հանցանքի համար նշանակած հարվածների թիվը մեծ է, այնպես, որ կալանավորը միանգամից չի դիմանա դրան, ապա այդ թիվը բաժանում են երկու, անգամ երեք մասի, ելնելով այն բանից, թե ինչ կասի բժիշկն արդեն բուն պատժման ընթացքում, այսինքն՝ կարո՞ղ է, արդյոք, պատժվողը շարունակել շարքի միջով գնալ, թե կյանքի համար դա վտանգ կներկայացնի։ Unվորաբար, հինգ հարյուր, հազար, նույնիսկ մեկուկես հազար հարվածը միանվագ են հասցնում, բայց եթե վճիռը երկու, երեք հազար հարված է, ապա ի կատար ածելը երկու կեսի է բաժանվում, անգամ երեք մասի։ Նրանք, ովքեր աառաջին կեսից հետո բուժելով մեջքները, գնում էին հոսպիտալից՝ մյուս կեսի տակ մտնելու, դուրս գրման օրը և նախօրեին սովորաբար մռայլ էին լինում, խոժոռ, չխոսող։ Նրանց մեջ նկատվում էր մտքի որոշ բթացում, մի տեսակ անբնական ցրվածություն։ Այդպիսի մարդը խոսքի չէր բռնվում և ավելի շատ լռում էր, ամենահետաքրքրականն այն էր, որ կալանավորներն էլ երբեք չեն խոսում և աշխատում են խոսք չբացել, թե ինչ է սպասում իրեն։ Ոչ ավելորդ բառ, ոչ սփոփանք, նույնիսկ ջանում են ընդհանրապես քիչ ուշադրություն դարձնել նման մեկի վրա։ Անշուշտ, դա ավելի լավ է դատապարտվածի համար։ Լինում էին բացառություններ, ինչպես օրինակ, Օռլովը, ում մասին արդեն պատմել եմ։ Պատժի առաջին կեսից հետո, նա սրտնեղվում էր միայն, որ մեջքը երկար ժամանակ չի լավանում և որ իրեն չի կարելի շուտափույթ դուրս գրվել՝ մնացած հարվածները կրելու, կալաներթի հետ գնալու իրեն նշանակված աքսորավայրը և ճանապարհին փախչելու։ Բայց նրան գրավում էր նպատակը, և Աստված գիտե, թե ինչ էր մտքինը։ Մոլեգին և կենսունակ խառնվածքի տեր մեկն էր։ Նա շատ գոհ էր խիստ բորբոքված վիճակում, թեև կոծկում էր իր զգացումները։ Բանն այն է, որ դեռես նախքան պատժի առաջին կեսը մտածում էր, որ մահակների տակից դուրս չի գալու և պետք է որ մեռնի։ Նրան էին հասնում տարբեր լուրեր՝ ղեկավարության միջոցառումների մասին, նախքան դեռ դատի տակ էր։ Դեռևս այն ժամանակ նախապատրաստվում էր մահվան։ Սակայն անցնելով առաջին կեսը, քաջալերվեց։ Հայտնվեց հոսպիտալում՝ կիսամահ ծեծված, դեռ երբեք այդպիսի խոցեր չէի տեսել։ Սակայն նա եկել էր ուրախ սրտով, հուսով, որ կենդանի է մնալու, որ լուրերը սուտ էին, որ իրեն, ահա, բաց են թողել մահակների տակից, որ հիմա, երկար ժամանակ ենթադատ պահվելուց հետո, արդեն սկսել էր երազել ճանապարհ, փախուստ, ազատություն, դաշտեր ու անտառներ... Դուրս գրվելուց երկու օր անց նա մահացավ նույն հոսպիտալում, նախկին մահճի վրա, չդիմանալով երկրորդ կեսին։ Բայց արդեն հիշատակել եմ այդ մասին։
Եվ սակայն նույն կալանավորները, ովքեր այդքան ծանր օրեր ու գիշերներ էին անցկացնում բուն պատժից առաջ, պատիժը կրում էին արիաբար, չբացառած նաև ամենափոքրոգիներին։ Ես հազվադեպ եմ տնքոցներ լսել նույնիսկ հոսպիտալ մտնելու առաջին գիշերը, հաճախ նույնիսկ արտակարգ ծանր ծեծվածներից։ Ընդհանրապես, ժողովուրդը կարողանում է դիմանալ ցավին։ Ցավի վերաբերյալ շատ եմ հարցուփորձ արել։ Երբեմն կամենում էի որոշակիորեն գիտենալ, ինչքան է մեծ այդ ցավը և վերջապես ինչի հետ կարելի է համեմատել։ Ճշմարիտն ասած, չգիտեմ, ինչի համար էի հարցնում։ Մի բան եմ հիշում, որ ոչ պարապ հետաքրքրասիրությունից։ Կրկնում եմ, ես հուզված էի ու ցնցված։ Սակայն ում էլ հարցրեցի, չկարողացա ստանալ ինձ բավարարող պատասխանը։ Դաղում է, ոնց որ կրակով վառես՝ ահա այն ամենն, ինչ կարողացա իմանալ, և դա բոլորի միակ պատասխանն էր։ Դաղում է, ուրիշ ոչինչ։ Առաջին այդ ժամանակ, ավելի մոտիկից շփվելով Մ.-ի հետ, հարցուփորձ արեցի նաև նրան։ «Ցավոտ է,— պատասխանեց նա,— շատ, իսկ զգացողությունը՝ դաղում է ոնց որ կրակը, կարծես մեկքդ խորովվում է ուժեղ կրակի վրա»։ Մի խոսքով, բոլորը նույն բանն էին նշում։ Իմիջիայլոց, հիշում եմ, այն ժամանակ էլ մի տարօրինակ նկատառում ունեցա, որի ճշմարտացիությունն առանձնապես չեմ պնդում։ Սակայն հենց կալանավորների վճռի ընդհանրականությունը դա խստիվ պահպանում է. այն է, որ մտրակածեծը, եթե մեծ քանակությամբ է տրվում, մեզ մոտ կիրառվողներից ամենածանրն է։ Կարող է թվալ, թե առաջին հայացքից է դա անհեթեթ և անհնարին։ Բայց և այնպես, հինգ հարյուր, նույնիսկ չորս հարյուր հարվածով կարելի է մարդուն մահացու մտրակածեծ անել, իսկ հինգ հարյուրից ավելի համարյա հաստատապես։ Հազար մտրակին մեկ անգամից չի դիմանա նույնիսկ ամենաամուր կազմվածքի տեր մարդը։ Այնինչ, հինգ հարյուր մահակը կարելի է կրել, առանց կյանքի համար որևէ վտանգի։ Հազար մահակին կարող է դիմանալ, կյանքի համար չերկյուղելով, նույնիսկ ոչ ամուր կազմվածք ունեցող մարդը։ Նույնիսկ երկու հազար մահակածեծով չի լինի սպանել միջին ուժի և ամրության կազմվածք ունեցող մարդուն։ Բոլոր կալանավորներն ասում էին, որ մտրակածեծն ավելի վատ է մահակներից։ «Ճիպոտի մրմուռն ուժեղ է,— ասում էին նրանք,— տանջանքն ավելի շատ»։ Իհարկե, ճիպոտն ավելի տանջալի է մահակից։ Դրանք ավելի սաստիկ են ձաղկում, ավելի ուժեղ ազդում նյարդերի վրա, բորբոքում դրանք չափից ավելի, ցնցում հնարավորությունները։ Չգիտեմ, հիմա ինչպես, բայց ոչ ուշ անցյալում կային ջենտլմեններ, ում իրենց զոհին ձաղկելու հնարավորությունն ընձեռում էր մի բան, ինչ հիշեցնում է մարքիզ դը Սադին և Բրենվիլյեին։ Կարծում եմ, այդ զգացողության մեջ ինչ-որ բան կա, որից նվաղում է այդ ջենտլմենների սիրտը՝ քաղցր ու ցավագին միաժամանակ։ Կան մարդիկ, որոնք ծարավի են վագրի պես լիզել արյունը։ Ով մեկ անգամ զգացել է այդ իշխանությունը, այդ անսահման տերուտիրականությունը ճիշտ իր պես մարդու, իր իսկ պես ստեղծված, Քրիստոսի օրենքով իր եղբոր մարմնի, արյան և ոգու վրա, ով փորձել է իշխանությունը և իր վրա Աստծո պատկերը կրող մեկ այլ անձի ամենամեծ նսեմացման կատարյալ հնարավորությունը, նա արդեն ակամա դառնում է իր զգացումների մեջ անիշխան։ Բռնակալությունը սովորություն է որ կա, ունի զարգացման միտում, զարգանում է և ի վերջո դառնում հիվանդություն։ Ես պնդում եմ, որ ամենալավագույն մարդը կարող է կոպտանալ և սովորույթից բթանալ գազանի աստիճան։ Արյունը և իշխանությունը կարբեցնեն, կզարգանան կոպտացումը, այլասերումըր, մտքին ու սրտին մատչելի և վերջապես քաղցր կդառնան ամենաաննորմալ երևույթները։ Բռնակալի ներսում մարդը և քաղաքացին կկործանվեն ընդմիշտ, իսկ վերադարձը մարդկային արժանապատվության, զղջման, վերածնման՝ նրա համար կդառնան այլևս անհնարին։ Ընդսմին, նման ինքնակամության օրինակը, հնարավորությունն ամբողջ հասարակության վրա ներգործում են վարակիչ կերպով. նման իշխանությունը գայթակղիչ է։ Այդպիսի երևույթի անտարբեր հայեցող հասարակությունն արդեն իսկ վարակված է հիմնովին։ Մի խոսքով, մարմնական պատժի իրավունքը, տրված մեկին՝ մյուսի հանդեպ, հասարակության խոցերից մեկն է, նրա մեջ քաղաքացիականության ամեն մի սաղմի, ամեն քայլափոխի ոչնչացման ամենաուժեղ միջոցներից մեկը և աներկբա, անդիմադրելի քայքայման կատարյալ հիմքը։
Դահճից խորշում են հասարակության մեջ, սակայն դահիճ֊ջենթլմենից՝ ամենևին ոչ։ Միայն վերջերս հակառակ կարծիք հայտնվեց, սակայն հայտնվեց սոսկ գրքերում, վերացարկված։ Անգամ նրանք, ովքեր կարծիք են հայտնում, ոչ բոլորն են դեռևս խլացրել իրենց մեջ ինքնիշխանության պահանջը. նույնիսկ ամեն մի ֆաբրիկատեր, ամեն մի ձեռնարկատեր անպայման մի տեսակ բորբոքիչ հաճույք պիտի զգա, որ իր աշխատողը երբեմն ամբողջովին, ընտանյոք հանդերձ կախված է միայն և միայն իրենից։ Հավանորեն այդպես է, ոչ շուտով սերունդն իր մեջ ժառանգաբար անցած բաներից կկտրվի, մարդը ոչ այնքան շուտ կհրաժարվի այն ամենից, ինչ արյան մեջ է, նրան է տրվել, այսպես ասած, մորական կաթի հետ։ Այդպիսի վաղահաս հեղաշրջումներ չեն լինում։ Գիտակցել մեղքը և տոհմական մեղսագործությունը դեռևս քիչ է, շատ քիչ, հարկավոր է կատարելա պես ետ վարժվել։ Իսկ դա այնքան էլ շուտ չի կատարվում։
Ես խոսք բացեցի դահճի մասին։ Դահճի հատկություններ, սաղմնային վիճակում, կան ժամանակակից ամեն մարդու մեջ։ Սակայն մարդուս գազանային հատկությունները հավասարաչափ չեն զարգանում։ Եթե մեկնումեկի մեջ դրանց զարգացումը գերակշռում է մյուս բոլոր հատկությունները, ապա նման մարդը, հարկավ, դառնում է սարսափելի և այլանդակ։ Երկու կարգի են լինում դահիճները. ոմանք կամավոր, մյուսները՝ կախյալ, պարտադրված։ Կամավոր դահիճն, անշուշտ, բոլոր առումներով ցածր է կախյալից, որոնցից սակայն այնքան խորշում է ժողովուրդը, խորշում է սարսափի չափ, նողկանքի աստիճան, չգիտակցված, համարյա միստիկ երկյուղի աստիճան։ Իսկ որտեղի՞ց է այդ համարյա սնոտիապաշտ վախը մի դահճի և անտարբերությունը, համարյա թե հավանությունը մյուսի նկատմամբ։ Օրինակներ են լինում՝ ծայրաստիճան տարօրինակ․ ես ճանաչել եմ նույնիսկ բարի, ազնիվ, անգամ հասարակության մեջ հարգված մարդկանց, այնինչ նրանք, օրինակի համար, չեն կարողացել սառնասրտորեն տանել, եթե պատժվողը չի գոռացել ճիպոտների տակ, չի խնդրել ու աղերսել խնայել իրեն։ Պատժվողներն անպայման պիտի բղավեն և աղերսեն խնայել։ Այդպես է ընդունված։ Դա համարվում է պատշաճ և անհրաժեշտ, և երբ մի անգամ զոհը չի կամեցել բղավել, ապա պատժողը, ում ճանաչում էի և ուրիշ առումներով կարող էր համարվել թերևս բարեսիրտ, նույնիսկ անձամբ վիրավորվել է տվյալ դեպքում։ Սկզբում նա կամեցել էր թեթև պատժել, սակայն չլսելով սովորական «ձերդ ազնվություն, հարազատ հայր, ողորմացեք, ստիպեք ձեզ համար հավերժական աղոթք անել Աստծուն» և այլն, և այլն, կատաղել և հիսուն լրացուցիչ ճիպոտ է հասցրել, կամենալով կորզել թե՛ բղավոց, թե՛ աղաչանք, և կորզել է․ «Զի կ-կարելի, կոպտություն է դա»,— շատ լրջորեն պատասխանեց նա ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իսկական, ենթակա և պարտավոր դահճին, ապա հայտնի է, որ աքսորի դատապարտված կալանավոր է, սակայն չուղարկված, որ դահճի գործ անի։ Սկզբում նա սովորելու է կարգվում մեկ ուրիշ դահճի մոտ և նրանից սովորելով, հավերժորեն մնում է բանտում, ուր պահվում է առանձնահատուկ պայմաններում, հատուկ սենյակում, նույնիսկ ունենալով իր տնտեսությունը, սակայն միշտ մնալով պահակի հսկողության տակ։ Իհարկե, կենդանի մարդը մեքենա չէ, դահիճը թեև խփում է ըստ պարտականության, բայց երբեմն նույնպես տաքանում է, սակայն թեև խփում է ոչ առանց հաճույքի իր համար, փոխարենը՝ համարյա երբեք անձնական ատելություն չի ունենում իր զոհի հանդեպ։ Ճարպիկ հարվածը, գործի իմացությունը, ընկերների և հասարակության առաջ իրեն ցույց տալու ցանկությունը խթանում են նրա ինքնասիրությունը։ Նա ջանում է հանուն արվեստի։ Բացի դրանից, շատ լավ գիտե, որ մերժված է բոլորից, որ սնոտի վախն ամենուր դիմավորում է իրեն և ուղեկցում։ Չի կարելի երաշխավորել, թե դա ազդեցություն չունի նրա վրա, չի սաստկացնում նրա մեջ մոլեգնությունը, գազանային հակումները։ Անգամ երեխաները գիտեն, որ նա «հրաժարվում է հորից և մորից»։ Տարօրինակ բան. ինչքան վիճակվել է ինձ տեսնել դահիճների, բոլորն էլ եղել են բանիմաց, զարգացած մարդիկ, խելացի և անսովոր ինքնասիրության, անգամ հպարտության տեր։ Այդ հպարտությունը նրանց մեջ զարգացե՞լ էր, արդյոք, ի հակազդում իրենց հանդեպ ընդհանուր արհամարհանքի, սաստկացե՞լ էր, արդյոք, իրենց զոհին ներարկած վախի գիտակցումից, նրա վրա տերուտիրականության զգացումից՝ չգիտեմ։ Գուցե թե նույնիսկ հենց իրադրության այն հանդիսավորությունը և թատերականությունը, որով հայտնվում էին նրանք հասարակության առաջ՝ կառափնարանի վրա, որոշ չափով նպաստում էին բարձրամտության զարգացմանը։ Հիշում եմ, մի անգամ ինձ վիճակվեց որոշ ժամանակ հաճախակի հանդիպել և մոտիկից հետևել այդպիսի մի դահճի։ Միջահասակ մեկն էր, ջլուտ, չորչորուկ, քառասուն տարեկան կլիներ, բավական հաճելի և խելացի դեմքով, գանգուր մազերով։ Մշտապես արտակարգ ծանրումեծ էր, հանգիստ, արտաքուստ իրեն պահում էր ջենթլմենավարի, միշտ պատասխանում հանգիստ, կշռադատ և նույնիսկ սիրալիր, սակայն մի տեսակ բարձրամիտ սիրալիր, կարծես ինչ-որ բանով պարծենում էր իմ առաջ։ Պահախմբի սպաները հաճախ իմ ներկայությամբ խոսքի էին բռնվում նրա հետ և իրավ, նրա հանդեպ կարծես նույնիսկ որոշ հարգանքով։ Նա գիտակցում էր դա, և պետերի առաջ դիտավորյալ կրկնապատկում իր բարեկրթությունը, չորությունը և սեփական արժանապատվության զգացումը։ Ինչքան ավելի սիրալիր էր խոսում նրա հետ պետը, այնքան անզիջում էր թվում նա, թեև ամենևին չէր ելնում նրբագույն բարեկրթության սահմաններից, սակայն վստահ եմ, որ այդ պահին իրեն համարում էր անչափելի վեր իր հետ խոսող պետից։ Դեմքին էր գրված դա։ Պատահում էր, որ երբեմն ամռան շատ շոգ օրերին նրան ուղարկում էին, պահակի հսկողությամբ, երկար ու բարակ ձողով սատկացնելու քաղաքային շներին։ Այդ փոքր քաղաքում չափազանց շատ էին և ոչ մեկին չպատկանող և անսովոր արագությամբ բաղմացող շները։ Արձակուրդային ամիսներին դառնում էին վտանգավոր, և ղեկավարության կարգագրությամբ, շներին ոչնչացնելու համար դահիճ էր ուղարկվում։ Սակայն անգամ այդ նվաստացուցիչ պաշտոնն, ըստ երևույթին, բոլորովին չէր նսեմացնում նրան։ Հարկ էր տեսնել, թե ի՜նչ արժանապատվությամբ էր նա քայլում քաղաքի փողոցներով, հոգնած պահակի ուղեկցությամբ, սոսկ իր տեսքով վախեցնելով հանդիպած կանանց և երեխաներին, ի՜նչ հանգիստ, անգամ վերեից էր նայում հանդիպողներին։ Իմիջի այլոց, դահիճները լի ու առատ էին ապրում։ Փող ունենում էին, շատ լավ սնվում, խմիչքը կար։ Նրանց ձեռքը փող էր ընկնում կաշառքների միջոցով։ Քաղաքացիական դատապարտվածը, ում պատիժ էր սահմանվել դատարանով, նախօրոք, թեկուզև ինչ-որ բանով, թեկուզև վերջին ունեցածով վճարում էր դահճին։ Սակայն ոմանցից, ունևոր դատապարտվածներից, իրենք էին վերցնում, նշելով գումարի չափը՝ համապատասխան կալանավորի ենթադրյալ ունեցվածքի, վերցնում էին երեսուն ռուբլի, երբեմն էլ ավելի շատ։ Կարգին ունևորների հետ նույնիսկ լավ առևտուր էին անում։ Դահիճը, հարկավ, շատ թույլ պատժել չի կարող, պատասխան կտա սեփական մեջքով։ Բայց և այնպես, որոշակի կաշառքի դեպքում, կխոստանա զոհին, որ շատ ցավոտ չի ձաղկի։ Համարյա միշտ համաձայնում էին նրա առաջարկությանը, եթե՝ ոչ, իսկապես կպատժի բարբարոսաբար, ինչ լիովին նրա իրավունքն է։ Պատահում էր, որ նա նշանակալի գումար էր սահմանում նույնիսկ բավականին չունևոր մեղադրյալի համար, հարազատները գնում֊գալիս էին, առևտուր անում, աղաչանք֊պաղատանք, և մեծ փորձանք կլիներ, եթե չբավարարեին նրան։ Նման դեպքերում դահճին շատ է օգնում իր ներշնչած ահավոր սարսափը։ Ինչ արտառոց բաներ ասես, չեն պատմում դահիճների մասին։ Իմիջիայլոց, իրենք՝ կալանավորներն են ինձ հավատացրել, որ դահիճը կարող է սպանել մեկ հարվածով։ Սակայն, նախ և առաջ, ե՞րբ է դա փորձվել։ Այդուհանդերձ, կարող է պատահել։ Այդ մասին շատ հաստատական էին խոսում։ Իսկ դահիճն անձամբ ինձ երաշխավորում էր, թե կարող է դա անել։ Խոսում էին նաև, որ նա կարող է խփել ամբողջ թափով, ուղիղ հանցագործի մեջքին, սակայն այնպես, որ հարվածից հետո փոքրիկ սպի էլ չի գոյանա, իսկ հանցագործը նվազագույն ցավ իսկ չի զգա։ Իմիջիայլոց, բոլոր այդ ֆոկուսների և նրբությունների մասին արդեն շատ պատմություններ կան։ Բայց եթե դահիճը նույնիսկ կաշառք էլ վերցնի թեթև պատժելու համար, այդուհանդերձ, առաջին զարկը հասցնելու է ամբողջ ուժով և թափով։ Դա նույնիսկ սովորություն էր դարձել նրանց համար։ Հաջորդ հարվածները նա կմեղմի, հատկապես, եթե նախապես են վճարել։ Բայց առաջինը, վճարել են, թե՝ ոչ, իրենն է։ Ճիշտն ասած, չգիտեմ, ինչի համար է դա արվում։ Արդյո՞ք, որ միանգամից վարժեցնի զոհին հետագա հարվածներին, այն հաշվով, որ շատ դժվար հարվածից հետո արդեն այնքան տանջալի չեն թվա թեթևները, կամ էլ պարզապես փորձում է գոռոզանալ զոհի առաջ, սարսափ ներշնչել նրան, շշմեցնել առաջին հարվածից, որպեսզի հասկանա, թե ում հետ գործ ունի, մի խոսքով, ցույց տալ իրեն։ Համենայն դեպս, պատժումն սկսելուց առաջ իրեն բորբոքված վիճակում է զգում, հասկանում է իր ուժը, տերուտիրական է համարում իրեն։ Այդ պահին նա դերասան է, նրա վրա զարմանում և նրանից զարհուրում է հանդիսականը և հարկավ, ոչ առանց վայելումի է նա բղավում իր զոհի վրա, նախքան առաջին հարվածը. «Քեզ պինդ պահի, դաղելու եմ»՝ տվյալ դեպքում սովորական և ճակատագրական բառեր։ Դժվար է պատկերացնել, թե ինչքան կարելի է խեղել մարդու բնույթքը։
Հոսպիտալում առաջին այդ օրերին շարունակ լսում էի կալանավորական պատմությունները։ Բոլորիս համար ահավոր տաղտկալի էր պառկելը։ Ամեն օրն այնքան նման էր մյուսին։ Առավոտյան դեռ զբաղեցնում էր բժիշկների այցելությունը և դրանից քիչ հետո՝ ճաշը։ Ուտելիքն, անշուշտ, նման միօրինակության մեջ նշանակալի զբաղմունք էր։ Կերակուրները տարբեր էին, նշանակված ըստ պառկածների հիվանդության։ Ոմանք ուտում էին միայն սուպ, որևիցե ձավարով, մյուսները՝ միայն շիլա, երրորդները՝ միայն սպիտակաձավարի շփոթ, որի սիրահարները շատ շատ էին։
Երկար պառկելուց կալանավորները փափկակյաց էին դարձել ու սիրում էին համեղ ուտել։ Ապաքինվողներին և համարյա առողջներին մի կտոր տավարի խաշած միս էին տալիս, «եզան միս», ինչպես ասում էին մեզ մոտ։ Բոլորից լավ կերակուրը լնդախտային բաժնինն էր՝ տավարի միս, սոխով, ծովաբողկով և այլն, երբեմն էլ՝ թեյնիկի խուփով օղի։ Հացը նմանապես, ըստ հիվանդության սև էր լինում, կամ կիսասպիտակ, շատ լավ թխված։ Ճաշաբաժինների նշանակման այդ պաշտոնականությունը և նրբությունը սոսկ ծիծաղեցնում էր հիվանդներին։ Անշուշտ, որոշ հիվանդությունների դեպքում կալանավորն ինքը ոչինչ չէր ուտում։ Փոխարենն այն հիվանդները, որոնք ախորժակ ունեին, ուտում էին, ինչ ուզում էին։ Ոմանք փոխանակում էին կերակուրները, այնպես որ մի հիվանդությանը հարմար ուտելիքն անցնում էր միանգամայն ուրիշի։ Մյուսներն, ում թեթև կերակրաբաժիններ էին նշանակված, տավարի միս կամ լնդախտային բաժին էին գնում, կվաս խմում, հոսպիտալային գարեջուր, նույնպես գնելով նրանցից, ում դա նշանակված էր։ Ոմանք նույնիսկ երկուական բաժին էին ուտում։ Այդ բաժինները վաճառվում կամ վերավաճառվում էին փողով։ Տավարի մսով կերակուրը բավական բարձր գին ուներ, արժեր հինգ կոպեկ՝ թուղթ փողով։ Եթե մեր հիվանդասենյակում ոչ մեկից գնելու բան չէր լինում, պահակին ուղարկում էին կալանավորական մյուս հիվանդասենյակ, եթե ոչ՝ հենց զինվորների հիվանդասենյակները, «ազատները», ինչպես մեզ մոտ էին ասում։ Ծախել ուզողներ միշտ էլ գտնվում էին։ Նրանք մնում էին մի կտոր հացի հույսին, բայց փող էին կիտում։ Իհարկե, չքավորությունն համընդհանուր էր, սակայն նրանք, ովքեր փողից֊մողից ունեին, անգամ շուկա էին ուղարկում կալաչներ, նույնիսկ անուշեղեն և ուրիշ֊ուրիշ բաներ գնելու։ Մեր պահակները բոլոր այդ հանձնարարությունները կատարում էին միանգամայն անշահախնդիր։ Ճաշից հետո գալիս էր ամենատրտում ժամանակը։ Ոմանք քնում էին՝ անգործությունից, ոմանք շատախոսում, մյուսները կռվշտում, մեկն էլ ինչ֊որ բան պատմում բարձրաձայն։ Եթե նոր հիվանդներ չէին բերում, ավելի թախծալի էր լինում։ Նորեկի գալուստը համարյա միշտ որոշ տպավորություն գործում էր, հատկապես, եթե ծանոթ չէր լինում որևէ մեկին։ Նրան զննում էին, ջանում իմանալ, թե ով է, ինչ մարդ է, որտեղից ու ինչ գործով։ Նման դեպքերում առանձնապես հետաքրքրվում էին կալանառաքվածներով։ Նրանք միշտ ինչ֊որ բան պատմում էին, ի դեպ, ոչ իրենց մտերմիկ գործերից, այդ մասին, եթե մարդն ինքը չէր խոսում, երբեք հարցուփորձ չէին անում, այլ այնպես. որտեղի՞ց են գալիս, ո՞ւմ հետ, ճամփան ինչպե՞ս էր, ո՞ւր են գնալու և այլն։ Ոմանք, լսելով նոր մի պատմություն, տեղնուտեղն, ասես թռուցիկ, հիշում էին իրենց ապրածից մի որևէ բան, տարբեր կալանառաքների, կալաներթերի, կատարածուների, խմբերի պետերի մասին։ Շպիցռուտեններով պատժվածները նույնպես հայտնվում էին այդ ժամերին, իրիկնադեմին։ Նրանք միշտ թողնում էին բավականին ուժեղ տպավորություն, ինչպես, ի դեպ, արդեն հիշատակվել է։ Սակայն նրանց ամեն օր չէին բերում և այն օրը, երբ նորեր չկային, անցնում էր մի տեսակ ալարկոտ, կարծես եղած բոլոր դեմքերը միմյանց ահավոր ձանձրացրած լինեին, նույնիսկ վեճեր էին ծայր առնում։ Մեզ մոտ ուրախանում էին անգամ խելագարներով, որոնց բերում էին ստուգման։ Պատժից ազատվելու համար խելագար ձևացնելու խորամանկությունը երբեմն կիրառում էին դատապարտյալները։ Ոմանց շուտով մերկացնում էին կամ ավելի լավ է ասել, հենց իրենք էին վճռում փոխել գործողությունների քաղաքականությունը, և երկու֊երեք օր խենթուխելառություններ արած կալանավորը մեկ էլ հանկարծ դառնում է խելոք, սսկվում ու մռայլադեմ խնդրում դուրս գրվելու։ Ոչ կալանավորները, ոչ բժիշկները այդպիսի մեկին չէին կշտամբում, ամոթանք չէին տալիս, հիշեցնելով ոչ վաղուցվա օյինները, սուսուփուս դուրս էին գրում, լուռ ճանապարհում, և երկու֊երեք օր անց նա հայտնվում էր մեզ մոտ՝ պատիժն արդեն կրած։ Ասենք, նման դեպքերը հաճախակի էին ընդհանրապես։ Բայց իսկական խելագարները, որոնց բերում էին ստուգման, իսկական Աստծո պատիժ էին դառնում ամբողջ հիվանդասենյակի համար։ Որոշ խելագարների՝ ուրախ, ժիր, գոռացող, պարող ու երգողներին կալանավորները սկղբում դիմավորում էին համարյա թե ցնծությամբ։ «Այ քեզ ուրախություն»,— իրար մեջ ասում էին նրանք, նայելով որևէ նոր բերված ծամածռվողի։ Սակայն ինձ համար ահավոր դժվարին ու ծանր էր այդ թշվառականներին տեսնելը։ Ես երբեք չեմ կարողացել սառնարյուն նայել խելագարներին։
Իմիջիայլոց, նոր բերված և քրքիջով դիմավորված խելագարի անվերջանալի ծամածռությունները և անհանգիստ արարմունքները շուտով կատարելապես ձանձացնում էին բոլորին և երկու օրում վերջնականապես հանում համբերությունից։ Նրանցից մեկին մեզ մոտ պահեցին երեք շաբաթվա չափ և ստիպված էինք լինում ուղղակի փախչել հիվանդասենյակից։ Ասես դիտավորյալ, այդ ընթացքում մի խելագարի էլ բերեցին։ Այս մեկն ինձ վրա առանձնահատուկ տպավորություն գործեց։ Դա եղավ իմ տաժանակրության երրորդ տարում արդեն։ Առաջին տարին, կամ ավելի լավ է ասել, բանտային իմ կյանքի առաջին ամիսներին, գարնանը, մի խմբի հետ գործի էի գնում երկու վերստ հեռու, աղյուսի գործարան՝ վառարանագործների և մատակարարի հետ։ Պետք էր գալիք ամառային աղյուսագործության համար կարգի գցել վառարանները։ Այդ առավnտ գործարանում Մ.֊ցկին և Բ.֊ն ինձ ծանոթացրին այնտեղ որպես վերակացու ապրող ենթասպա Օստրոժսկու հետ։ Լեհ էր, բարձրահասակ, չորչորուկ, չափազանց վեհ և նույնիսկ վեհաշուք տեսք ունեցող վաթսունամյա ծերունի էր։ Սիբիրում էր վաղեմի ժամանակներից ծառայության մեջ ու թեև հասարակ ժոդովրդի ծոցից էր ելել, եկել էր որպես երեսնական թվականների զորքի զինվոր, բայց Մ.֊ցկին և Բ.֊ն նրան սիրում ու հարգում էին։ Նա մշտապես ընթերցում էր կաթոլիկ Աստվածաշունչը։ Խոսքի բռնվեցի նրա հետ, խոսում էր այնքան փաղաքուշ, այնքան խելամիտ, այնքան հետաքրքրաշարժ էր պատմում, այնպես բարեհոգի և ազնվաբար նայում։ Այդ ժամանակից ի վեր երկու տարի չտեսա նրան, լսեցի միայն, որ մի գործով հետաքննության տակ է, ու հանկարծ նրան մեր հիվանդասենյակ բերեցին, որպես խելագարի։ Նա ներս մտավ ճղճղոցներով, քրքիջով և ամենաանպարկեշտ, ամենակամարինյան շարժմունքով պար եկավ հիվանդասենյակում։ Կալանավորները ցնծում էին, բայց ես այնպե՜ս տխրեցի... Երեք օր անց բոլորս արդեն չգիտեինք ուր թաքնվել նրանից։ Նա վիճում էր, կռվշտում, ղժղժում, երգում, նույնիսկ գիշերը, րոպեն մեկ այնպիսի նողկալի արարմունքներ անում, որ շատերի սիրտը պարզապես խառնել սկսեց։ Ոչ մեկից չէր վախենում։ Նրան ջերմաշապիկ հագցրին, բայց դրանից մեր բանը վատացավ, թեև առանց շապկի վեճի էր բռնվում ու կռիվ սարքում համարյա բոլորի հետ։ Այդ երեք շաբաթվա մեջ ամբողջ հիվանդասենյակը ոտքի էր ելնում և միաձայն խնդրում գլխավոր բժշկին՝ մեր գանձը տեղափոխել ուրիշ կալանավորական հիվանդասենյակ։ Այնտեղ, իրենց հերթին, երկու օր անց խնդրում էին տեղափոխել մեզ մոտ։ Իսկ քանի որ միանգամից երկու խելագար էին հայտնվել մեզ մոտ, անհանգիստ ու կռվազան, ապա մի հիվանդասենյակը փոխարինվում էր մյուսով և խելագարներ փոխանակում։ Բայց երկուսն էլ ավելի վատացան։ Բոլորն ազատ շունչ քաշեցին, երբ վերջնականապես նրանց մեզ մոտից տարան ինչ֊որ տեղ...
Հիշում եմ ևս մի արտառոց խելագարի։ Մի անգամ, ամռանը բերեցին դատապարտյալի, հաղթանդամ և արտաքուստ անճոռնի մարդ էր, քառասունհինգ տարեկան, ծաղկատար դեմքով, արնակոխ մանրիկ աչքերով և չափազանց մռայլ և խոժոռ տեսքով։ Տեղավորվեց իմ կողքին։ Պարզվեց շատ խոնարհ մեկն է, ոչ ոքի հետ չէր խոսում և նստած էր, կարծես ինչ֊որ բան մտմտալով։ Սկսեց մթնել, և նա հանկարծ դիմեզ ինձ։ Ուղղակի, առանց երկար֊բարակ նախաբանի, սակայն այնպիսի տեսքով, կարծես արտակարգ գաղտնիք է հայտնում, սկսեց պատմել, որ օրերս իրեն կվճռեն երկու հազար հարված, բայց դա չի լինի, որովհետև գնդապետ Գ․֊ի դուստրն իր համար բարեխոսում է։ Տարակուսանքով նայում էի նրան և պատասխանեցի, որ տվյալ դեպքում, ինձ թվում է, գնդապետի դուստրն ի վիճակի չէ որևէ բան անել։ Դեռևս ոչինչ չէի կռահում, բերել էին ամենևին էլ ոչ որպես խելագարի, այլ սովորական հիվանդի։ Հարցրի, թե ի՞նչն է հիվանդ։ Պատասխանեց, որ չգիտե և որ իրեն ինչ-որ բանի համար են այստեղ ուղարկել , իսկ ինքն առողջ է կատարելապես, և գնդապետի դուստրը սիրահարված է իրեն, որ մի անգամ, երկու շաբաթ դրանից առաջ, աղջիկն անցել է աբվախտի մոտով, իսկ ինքն այդ պահին դուրս է նայել ճաղապատ պատուհանից։ Իրեն տեսնելուն պես, աղջիկը տեղնուտեղը սիրահարվել է։ Եվ այդ օրից, տարբեր ձևերով, արդեն երեք անգամ եղել է աբվախտում։ Առաջին անգամ եկել է հոր հետ, եղբոր մոտ, որը սպա էր և աբվախտում էր, մյուս անգամ մոր հետ էր եկել ողորմություն բաժանելու և, իր մոտով անցնելիս, շշնջացել էր, թե սիրում է նրան և կփրկի։ Տարօրինակ էր, թե ինչպիսի նուրբ մանրուքներով էր ինձ պատմում այդ ամբողջ անհեթեթությունը, որն, անշուշտ, ծայրեծայր ծնվել էր նրա խեղված, խեղճ գլխում։ Իր ազատմանը պատժից նա հավատում էր սրբությամբ։ Իր հանդեպ այդ օրիորդի կրքոտ սիրո մասին նա խոսում էր հանգիստ, հաստատական, և արդեն չնայած պատմության համակ անհեթեթությանը, խիստ արտառոց էր լսել սիրահարված օրիորդի նման ռոմանտիկ պատմությունը հիսունին մոտ, այդչափ վհատված վշտաբեկ և տգեղ արտաքինով մարդու։ Տարօրինակ էր, թե ինչ կարող է անել պատժման ահը վախվորած այդ հոգու հետ։ Գուցեև նա, իրոք, պատուհանից տեսել էր ինչ-որ մեկին, և սարսափից նրա մեջ սաղմնավորված խելագարությունը, ժամ առ ժամ աճելով, հանկարծ մեկեն իր ելքն էր գտել, իր ձևը։ Թշվառական այդ զինվորը, որն ամբողջ կյանքում գուցեև ոչ մի անգամ չէր մտածել օրիորդների մասին, հանկարծակի մի ամբողջ սիրավեպ էր հորինել, բնազդաբար կառչելով թեկուզև այդ ծղոտից։ Ես լուռ լսեցի և նրա մասին հայտնեցի մյուս կալանավորներին։ Սակայն երբ մյուսները սկսեցին հետաքրքրվել, նա ողջամտորեն լռեց։ Հաջորդ օրը բժիշկը երկար հարցուփորձ արեց նրան, և քանի որ նա ասաց, թե ոչնչով հիվանդ չէ, զննումից էլ դա իրոք այդպես էր, ապաև դուրս գրեցին նրան։ Բայց քանի որ նրա հիվանդաթերթիկում գրված էր sanat, իմացանք արդեն, երբ բժիշկներ ելան հիվանդասենյակից, այնպես որ ասել նրանց, թե բանն ինչ է, այլևս չէր լինի։ Այն Ժամանակ ինքներս էլ դեռևս լիովին չէինք կռահում, թե ինչն է գլխավորը։ Այնինչ, բանը նրան մեզ մոտ ուղարկած ղեկավարության սխալն էր, որը չէր բացատրել, թե ինչի համար են նրան ուղարկում հիվանդանոց։ Ինչ֊որ անփութություն էր թույլ տրվել։ Իսկ գուցեև նրան ուղարկողները նույնիսկ սոսկ կռահել և ամենևին վստահ չեն եղել նրա խելագարությանը, առաջնորդվել անհստակ լուրերով, ուղարկել մեզ մոտ՝ ստուգելու։ Ինչ ուզում է լինի, բայց թշվառականին երկու օր անց դուրս բերեցին պատժման։ Կարծես, դա շատ էր ազդել նրա վրա՝ անսպասելիությամբ, մինչև վերթին րոպեն չէր հավատացել, որ կպատժեն իրեն, և երբ սկսել էին տանել շարքերի միջով, սկսել էր «կարաուլ» բղավել։ Այս անգամ հոսպիտալում նրան պառկեցրին արդեն ոչ մեզ մոտ, այլ մահճակալների բացակայության պատճառով, ուրիշ հիվանդասենյակում։ Սակայն ես տեղեկացա և իմացա, որ ութն օր շարունակ, ոչ մի բառ չի փոխանակել, շփոթված է եղել ու սաստիկ տխուր... Հետո, երբ մեջքը սպիացավ, նրան ինչ-որ տեղ ուղարկեցին։ Համենայն դեպս, այլևս ոչինչ չլսեցի նրա մասին։
Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես բուժմանը և դեղերին, ապա ինչքան կարողացա նկատել, հիվանդները համարյա չէին կատարում բժշկի հանձնարարությունները և դեղորայք չէին ընդունում, բայց ծանր հիվանդները և ընդհանրապես իրոք հիվանդները շատ էին սիրում բուժվել, բծախնդրությամբ խմում էին իրենց փոշի և հեղուկ դեղերը, բայց ամենից շատ մեզանում սիրում էին արտաքին գործածության դեղերը։ Պուլիկներ, տզրուկներ, տաք թրջոցալաթեր, արյունառություն, որոնք այնքան էին սիրում և այնքան հավատում է դրանց հասարակ մարդը, մեզ մոտ ընդունում էին կամենալով և նույնիսկ հաճույքով։ Ինձ հետաքրքրեց մի տարօրինակ հանգամանք։ Նույն մարդիկ, որոնք այնքան համբերատար էին մահակների և ճիպոտների պատճառած տանջալի ցավերը կրելիս, հաճախ տրտնջում, ձևեր էին թափում, նույնիսկ տնքում էին ինչ֊որ պուլիկներից։ Արդյոք, շատ էին քնքշակյաց դարձել, թե ուղղակի ձևականություն էին անում՝ չգիտեմ ինչպես բացատրեմ։ Ճիշտ է, մեր պուլիկները հատուկ տեսակի էին։ Սարքը, որով ակնթարթորեն ճեղքվում է մաշկը, բուժակն անհիշելի ժամանակներում կորցրել կամ փչացրել էր, կամ գուցեև սարքն էր փչացել, այնպես որ ադեն բուժակն էր հարկադրված նշտարով անհրաժեշտ փոքր կտրվածքներն անել մարմնի վրա։ Ամեն պուլիկի համար տասներկու փոքր կտրվածքներ էին անում։ Սարքով ցավոտ չէր։ Տասներկու փոքր կտրվածքներ արվում էին մի անգամից, հանկարծակի, և ցավ չէր զգացվում։ Բայց նշտարով կտրվածքներն ուրիշ են։ Նշտարն անհամեմատ դանդաղ է կտրում, ցավը զգալի է, իսկ քանի որ ասենք, տասը պուլիկի դեպքում հարկ է հարյուր քսան այդպիսի կտրվածք անել, ապա բոլորը միասին, հարկավ, զգալի էր։ Ես փորձել եմ դա, բայց թեև ցավոտ էր և դառնացնող, այդուհանդերձ, ոչ այնպես, որ չդիմանաս ու տնքտնքաս։ Անգամ երբեմն ծիծաղելի էր նայելը մի որևէ աժդահայի կամ պնդակազմ մեկի, թե ինչպես է ջղաձգվում ու սկսում թնկթնկալ։ Ընդհանրապես, դա կարելի է համեմատել, թե ինչպես որևէ լուրջ գործում հաստատակամ և անգամ հանգիստ մեկը, մելամաղձություն և քմահաճություն է անում տանը, երբ անելիք չկա, չի ուտում, ինչ տալիս են, կռվշտում է ու նախատում, սրտովը չէ ամեն բան, բոլորն իրեն վրդովեցնում են, բոլորն իրեն կոպտում են, բոլորն իրեն տանջում են, մի խոքով, աչքն ունքից վեր է թռցնում՝ ինչպես երբեմն ասում են նման պարոնների մասին, որոնք հանդիպում են, ի դեպ, հասարակ ժողովրդի մեջ էլ, իսկ մեր բանտում, համատեղ ընդհանուր փոխշփումների պարտգային, նույնիսկ շատ հաճախ։ Մեկ֊մեկ հիվանդասենյակում հենց յուրայիններն էին սկսում ձեռ առնել նման փափկակյացի, մեկնումեկն էլ պարզապես հայհոյում էր, և սա իսկույն ձենը կկտրեր, ճիշտ կարծես սպասում էր հենց հայհոյեն իրեն, որ լռի։ Հատկապես դրանց չէր սիրում Ուստյանցևը և երբեք առիթը ձեռքից բաց չէր թողնում, որ կռվի փափկակյացի հետ։ Ընդհանրապես էլ առիթը չէր կորցնում, որ մեկնումեկի հետ կռիվ սարքի։ Դա նրա վայելումն էր, պահանջմունքը, անշուշտ, հիվանդությունից, մասամբ էլ՝ բթամտությունից։ Ուրեմն, սկզբից կնայեր լրջորեն ու անքթիթ, ապա մի հանգիստ, համոզկեր ձայնով կսկսեր խրատներ կարդալ։ Ամեն ինչ նրա գործն էր, ճիշտ ասես կարգված էր մեզ մոտ՝ կարգուկանոնին կամ ընդհանուր բարոյականությանը հետևելու։
― Քիթն ամեն տեղ կխոթի,— երբեմն ծիծաղելով կասեին կալանավորները։ Իմիջիայլոց, նրան խնայում և խուսափում էին հետը կռվի բռնվելուց, այլ այնպես, երբեմն կծիծաղեին։
― Հո չասա՜ց, հո չասա՜ց։ Երեք սել բեռ կըլնի։
― Էդ ինչ ասացի որ։ Հայտնի բան է՝ տխմար մարդու առաջ գլխարկ չեն հանի։ Ուրեմս, էլ ի՜նչ է գոռգոռում դանակի տակ։ Տաքը սիրում ես, սառն էլ սիրի, ասել է, թե դիմացի։
― Ախր քե՞զ ինչ։
― Չէ, ախպորս ասեմ,— ընդհատեց կալանավորներից մեկը,— ճիպոտը՝ ոչինչ, ես փորձել եմ, բայց ավելի գեշ ցավ չկա, քան որ ականջդ քաշում են երկար ժամանակ։
Բոլորը ծիծաղեցին։
― Չլինի՞ քոնը քաշել են։
― Կարա՞մ ասեմ չէ։ Շատ լավ էլ քաշել են։
― Ես եմ ասում, թե ինչի են էդպես լոշտակ։
Այդ կալանավորը՝ Շապկինն, իրոք, շատ երկարականջ էր, տնկված երկու կողմի վրա։ Թափառաշրջիկներից էր, դեռևս երիտասարդ, գործունյա և սուսուփուս մեկը, որը խոսում էր միշտ մի տեսակ լուրջ, թաքուն հումորով, ինչ նրա որոշ պատմություններին բավականաչափ ծաղրականություն էր հաղորդում։
― Ախր, ես ինչի՞ մտածեմ, որ ականջներդ քաշել են։ Ախր, որտեդի՞ց անցնի մտքովս, դդում գլուխ,— նորից մեջ ընկավ Ուստյանցևը, զայրացած դիմելով Շապկինին, թեև, ի դեպ, դա ամենեին էլ նրան չէր ուղղված, այլ բոլորին՝ ընդհանրապես, բայց Շապկինը նույնիսկ չնայեց նրան։
― Բա քո՞նն ով է քաշել,— հարցրեց մեկ ուրիշը։
― Ո՞վ։ Ոնց թե՝ ով, ոստիկանները։ Ախպեր տղերք, թափառական լինելու համար էր։ Էն օրերին հասանք Կ., երկու հոգով էինք, ես ու մեկն էլ կար, էլի թափառական, անունը՝ Եֆիմ, մականուն չուներ։ Ճամփին, Տոլմինա գյուղ կար, մի մուժիկից քիչումիչ թռցրինք։ Էդպիսի մի գյուղ կա, Տոլմինա։ Ուրեմս, գնում ու նայում ենք. մի բան էլ էդտեղ ձեռ գցենք, ու հայդա։ Հանդում ազատություն կա չորս կողմդ, քաղաքում է վախենալի՝ ով չգիտի։ Էհ, առաջին գործներս եղավ, որ մտանք գինետուն։ Նայեցինք դես, նայեցինք դեն։ Մեկը մոտ եկավ, խանձված֊սևացած, արմունկները ճղճղված, շորերն էլ գերմանական։ Խոսքի բռնվեցինք։
― Իսկ դուք ո՞նց, ասեց, թույլ տվեք հարցնել, թղթերի գծով։
― Չէ, ասինք, թուղթ չկա։
― Էդպես֊ս։ Մենք էլ֊ս։ Էստեղ, հետս երկու լավ ընկեր կան, էլի գեներալ Կուկուշկինի մոտ են ծառայում։ Ուրեմս, համարձակվում եմ հարցնել, մենք մի քիչ քեֆ արեցինք, փող էլ չի ընկել ձեռներս։ Մի կես շտոֆ պատվեք մեզ։
― Մեզ շատ հաճելի կըլնի, ասացինք։ Էհ, խմեցինք։ Ու էստեղ նրանք մեզ մի բան ցույց տվին սեղանական, ասել կուզի մերոնքական գործերից։ Տուն էր, քաղաքի ծերին, հարուստ քաղքենի էր ապրում, մեկջը լիքն ապրանք, ու որոշեցինք գիշերը մտնել։ Մենակ թե էդ հարուստի տանն էլ հինգ հոգով, հենց էդ գիշեր բռնվեցինք։ Մեզ տարան բաժանմունք, հետո էլ ուղիղ ոստիկանապետի մոտ։ Ասեց, ինքս եմ հարցաքննելու։ Եկավ ծխափողով, թեյի բաժակը ետևից բերեցին, բոյ բուսաթով էր, բակենբարդներով։ Նստեց։ Էդտեղ, մեզ չհաշված, երեք հոգու էլ բերին, էլի թափառականներից։ Ախպեր տղերքիս ասեմ, մազալու մարդիկ են էդ թափառականները։ Ոչ մի բան չեն հիշում, կուզես գլխներին պոպոք ջարդի, ամեն բան մոռացել են, ոչինչ չեն իմանում։ Ոստիկանապետն ուղիղ դարձավ ինձ. «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես»։ Գոռաց, ոնց որ հորի միջից։ Ուրեմս, ինչ ասեմ, ոնց որ բոլորը ես էլ, թե՝ ոչ մի բան չեմ հիշում, ձերդ բարձր բարեծնություն, լրիվ մոռացել եմ։
― Համբերի, ասեց, հետդ խոսելիք ունեմ, ռեխդ ինձ ծանոթ է,— աչքերն էլ հո չի ոլորում վրաս։ Բայց ես դրան մինչև էդ տեսած էլ չկայի։ Դարձավ մի ուրիշի.— դո՞ւ ով ես։
― Թափ տու֊քշին եմ, ձերդ բարեծնություն։
― Քեզ էդպես էլ ասո՞ւմ են՝ Թափ տու֊քշի։
― Էդպես էլ ասում են, ձերդ բարեծնություն։
― Դե լավ, դու Թափ տու֊քշին ես, իսկ դո՞ւ,— ուրեմս՝ երրորդին։
― Նրա հետ ես էլ, ձերդ բարեծնություն։
― Բայց անո՞ւնդ ինչ է։
― Նրա հետ ես էլ, ձերդ բարձր բարեծնություն։
― Էդ ո՞վ է քեզ անուն դրել, սրիկայի մեկը։
― Բարի մարդիկ, ձերդ բարեծնություն։ Աշխարհն առանց բարի մարդկանց չի լնում, հայտնի բան է, ձերդ բարեծնություն։
― Իսկ ովքե՞ր են էդ բարի մարդիկ։
― Մտիցս մի քիչ թռել են, ձերդ բարեծնություն, ներող կլինեք, մեծ հոգու տեր մարդ եք։
― Բոլորի՞ն ես մոռացել։
― Լրիվին մոռացել եմ, ձերդ բարձր բարեծնություն։
― Բայց հեր ու մեր ունեցել ես, չէ՞... Գոնե նրանց հիշո՞ւմ ես։
― Պետք է որ եղած ըլնեն, ձերդ բարեծնություն, չնայած էլի մի քիչ մոռացել եմ, վայ թե եղել են, ձերդ բարեծնություն։
― Բայց որտե՞ղ ես ապրել մինչև հիմա։
― Անտառում, ձերդ բարձր բարեծնություն։
― Միշտ անտառո՞ւմ։
― Միշտ անտառում։
― Լավ, իսկ ձմռա՞նը։
― Ձմեռ, չեմ տեսել, ձերդ բաձր բարեծնություն։
― Լավ, հիմա դու։ Քո՞ անունն ինչ է։
― Կացին, ձերդ բարձր բարեծնություն։
― Քո՞նը։
― Չմոռանաս սրես, ձերդ բարձր բարեծնություն։
― Քո՞նը։
― Վայ թե սրես, ձերդ բարձր բարեծնություն։
― Բոորդ էլ ոչինչ չե՞ք հիշում։
― Ոչինչ չենք հիշում, ձերդ բարձր բարեծնություն։
Կանգնել, ծիծաղում էր, նրանք էլ ոստիկանապետին էին նայում, քթների տակ խնդմնդում։ Էհ, ուրիշ անգամ ատամներդ էլ կփշրի, թե ձեռն ընկար։ Աժդահա ժոդովուրդ են դրանք, կերած֊խմած։
― Սրանց տարեք բանտ, ասեց, ես սրանց հետ հետո։ Իսկ դու կմնաս,— ինձ ասեց։— Մոտ արի, նստի։— Տեսնեմ սեղանին թուղթ ու գրիչ է դրած։ Մտածեցի. «Էս ի՞նչ է անցել մտքով»։— Ասեց՝ նստի էս աթոռին, գրիչն առ ու գրի,— ինքն էլ բռնեց ականջս ու ոլորեց։ Նրան էի նայում, ոնց որ սատանեն տերտերին։ «Գրել չգիտեմ, ասի ձերդ բարեծնություն»։— Գրի՛։
― Խղճացեք, ձերդ բարեծնություն։ Գրի, ասեց, ինչքան կարաս, գրի,— ինքն էլ ականջս էր ձգում, ձգում, մեկ էլ՝ հո չոլորեց։ Ինչ ասեմ, տղերք, ավելի լավ էր երեք հարյուր ճիպոտ զարկեին։ Գրի ու վերջ։
― Հո չէ՞ր ցնդել։
― Չէ, չէր ցնդել։ Ուրեմն, Տ.֊ում գրագրի մեկը օյին էր խաղացել, պետական փողերն առել ու փախել էր, դրա ականջներն էլ էին լոշտակ եղել։ Է, իմաց էին տվել ամեն տեղ։ Ես էլ նշաններով որ բռնել էի ոնց որ, դրա համար էլ պրիստավն ինձ տանջում էր՝ գրել դիտե՞մ ու ոնց եմ գրում։
― Այ քեզ փորձանք, մեր տղա։ Ցավը շա՞տ էր։
― Ասի՝ ցավում էր։
Ընդհանուր ծիծաղ հնչեց։
― Լավ, բայց գրեցի՞ր։
― Ի՞նչ գրել։ Սկսեցի գրիչը տանել֊բերել, գծել֊գծմծել թղթի վրա, ձեռ քաշեց։ Էհ, մի տասը թաթալոշ էլ հասցրեց, նոր բաց թողեց, ուրեմն՝ էլի բանտ։
― Բայց դու գրել գիտե՞ս։
― Առաջ գիտեի, բայց հենց սկսին ծայրերով գրել, մտահան արեցի...
Այդպիսի պատմություններով, ավելի լավ է ասել՝ դատարկաբանություններով էլ երբեմն անցնում էր մեր տրտում ժամանակը։ Տեր Աստված, այդ ի՜նչ տրտմություն էր։ Երկարուձիգ օրեր, հեղձուկ, հար և նման մեկը մյուսին։ Գոնե մի որևէ գիրք լիներ։ Այդ ընթացքում, հատկապես սկզբում, հաճախ էի գնում հոսպիտալ, երբեմն հիվանդ, երբեմն՝ պարզապես պառկելու։ Բանտից դուրս։ Ծանր էր այնտեղ, ավելի ծանր, քան այստեղ, բարոյապես էլ ավելի ծանր։ Չարություն, թշնամանք, կռվշտոց, նախանձ, անվերջանալի պատրվակարարություն ազնվականներիս հանդեպ, չարամիտ, սպառնացող դեմքեր։ Իսկ այստեղ՝ հոսպիտալում, բոլորն ավելի հավասար էին, ավելի մտերմաբար էին ապրում։ Ամբողջ օրվա ընթացքում ամենատրտում ժամանակը երեկոն էր, մոմերի լույսի տակ և գիշերվա սկզբին։ Շուտ էին պառկում՝ քնելու։ Աղոտ գիշերաճրագը վառ լուսավորում էր հեռվից, դռան մոտից, իսկ մեր ծայրին կիսախավար էր։ Հեղձուկ էր, գարշահոտ։ Ինչ֊որ մեկը չէր կարողանում քնել, ելնում ու նստում էր մահճակալին, մեկ֊մեկուկես ժամ, գիշերագդակով գլուխը խոնարհած, կարծես ինչ֊որ բաներ էր մտածում։ Մի լրիվ ժամ կնայես նրան, ջանալով կռահել, թե ինչ է մտածում, նույնպես ժամանակը մի կերպ սպանելու համար։ Կամ կսկսես անրջել, հիշել անցյալը, վառ ու ծավալեղ պատկերներ կառաջանան երևակայությանդ մեջ։ Այնպիսի մանրուքներ կհիշվեն, որոնք ուրիշ ժամանակ չէիր հիշի ու չէիր զգա այնպես, ինչպես հիմա։ Մեկ֊մեկ էլ ապագան կգուշակես՝ ելնելու ես, չէ՞, բանտից։ Ո՞ւր։ Ե՞րբ է դա լինելու։ Կվերադառնա՞ս, արդյոք, երբևէ հարազատ եզերք։ Կմտածես, կմտածես, ու հույսը կխլրտա հոգուդ մեջ... Մեկ ուրիշ անգամ էլ կսկսես պարզապես հաշվել. մեկ, երկու, երեք և այլն, որպեսզի այդ հաշվի արանքում մի կերպ քնես։ Երբեմն հաշվել եմ մինչև երեք հազար ու չեմ քնել։ Ահա, մեկը շուռումուռ է գալիս։ Ուստյանցևն է հազում իր խորխառատ, թոքախտավոր հազով, հետո թույլ տնքում ու ամեն անգամ ավելացնում. «Տեր Աստված, մեղք եմ գործել»։ Եվ տարօրինակ էր լսել այդ հիվանդ, բեկված ու տնքացող ձայնը՝ համընգհանուր լռության մեջ։ Մի անկյունում նույնպես քնած չեն և խոսում են իրենց մահճակալներից։ Մեկը սկսում է ինչ-որ բան պատմել իր ցավի մասին, հեռավոր, անցած-գնացած բաներից, թափառաշրջիկության մասին, զավակների մասին, կնոջ մասին, նախկին կարգերի մասին։ Եվ շշնջոցից իսկ զգում ես, որ այն ամենն, ինչ պատմում է, արդեն երբեք ետ չի գալու նրա համար, և որ ինքը՝ պատմողը, պոկած մի կտոր է։ Մյուսը լսում է։ Մեղմ, համաչափ շշունջ է լսվում միայն, ճիշտ ասես մի հեռու տեղ ջուր է քչքչում... Հիշում եմ, ձմռան մի երկար գիշեր պատմություն լսեցի։ Առաջին պահին ինձ թվաց մի տեսակ ջերմախտի երազ, կարծես պառկած էի դողէրոցքով, և այդ ամենը տեսնում էի երազիս, զառանցելիս...
=== IV։ Ակուլկայի ամուսինը (պատմվածք) ===
Ուշ գիշեր էր արդեն, ժամը տասներկուսի մոտ։ Այն է, պիտի քնեի, բայց հանկարծ սթափվեցի։ Հեռվում, գիշերաճրագի աղոտ, փոքր լույսը հազիվ լուսավորում էր հիվանդասենյակը... Համարյա բոլորն արդեն քնած էին։ Նույնիսկ Ուստյանցևը, և լռության մեջ լսվում էր, թե ինչքան ծանր է շնչում և ինչպես է կոկորդում խռխռում խորխը օդի ամեն ումպի հետ։ Հեռվից, հաշտի կողմից հանկարծ հնչեց մոտեցող պահախմբի հերթափոխի ծանր ոտնաձայնը։ Հատակին դխկաց հրացանի խզակոթը։ Բացվեց հիվանդասենյակի դուռը, զգույշ ոտնափոխով եֆրեյտորը հաշվեց հիվանդներին։ Մեկ րոպե անց կողպեցին հիվանդասենյակը, նոր ժամապահ կանգնեցրին, պահախումբը հեռացավ ու նորից՝ նախկին լռությունը։ Այստեղ միայն նկատեցի, որ ինձնից ոչ հեռու, ձախ կողմում, երկու հոգի քնած չեն ու կարծես փսփսում են իրար հետ։ Հիվանդասենյակներում դա լինում էր. երբեմն օրեր ու ամիսներ պառկած կողք֊կողքի, բառ անգամ չէին ասում իրար, և հանկարծ, տեսար, խոսքի բռնվեցին գիշերվա մի գրգռիչ պահի, և մեկը մյուսի առաջ շարում էր իր ամբողջ անցյալը։
Ըստ երևույթին, վաղուց էին խոսում։ Սկզբին չէի հասել, հիմա էլ ոչ ամեն ինչ կարողացա լսել, սակայն կամաց-կամաց վարժվեցի և սկսեցի ամեն ինչ հասկանալ։ Քունս չէր տանում, իսկ ի՞նչ անեի, եթե չլսեի... Մեկը պատմում էր տաքացած, մահճակալին կիսապառկած, գլուխը բարձրացրած և ընկերոջ կողմը ձգած վիզը։ Ըստ երևույթին, բորբոքված էր, գրգռված, ուզում էր պատմել։ Ունկնդիրը՝ մռայլ ու բոլորովին անտարբեր, նստած էր իր մահճակալին, ոտքերը պարզած երկայնքով, երբեմն ինչ֊որ բան էր մնչում ի պատասխան, ի նշան մասնակցության, բայց կարծես ավելի շատ քաղաքավարության համար, այլ ոչ իսկականից, րոպեն մեկ իր պոզիկից քթախոտ լցնելով քիթը։ Զինվոր Չերյովինն էր՝ ուղղիչ բաժանմունքից, մռայլադեմ, ճշտակատար, հիսնամյա, սառնարյուն խրատաբան և ինքնասեր մի հիմար։ Պատմողը՝ Շիշկովը, դեռևս երիտասարդ էր, երեսունին մոտ, մեր քաղաքացիական կալանավորը, կարի արհեստանոցում էր աշխատում։ Մինչ այդ քիչ ուշադրություն էի դարձրել նրա վրա, հետագայում էլ, իմ բանտային կյանքի ամբողջ ընթացքում, մի տեսակ ձգտում չկար նրանով զբաղվել։ Փուչ, խելառ մարդ էր։ Մեկ-մեկ կլռեր, կապրեր մռայլված, իրեն կոպիտ կպահեր, շաբաթով չէր խոսի։ Մեկ էլ հանկարծ կխրվեր ինչ-որ պատմության մեջ, կսկսեր բամբասել, դատարկ բաներից փրփրել, բանտասենյակից բանտասենյակ թափառել, լուրեր տանել-բերել, չարախոսել, ափերից դուրս դալ։ Կծեծեին, նորից կլռեր։ Վախլուկ ու ծանծաղ մարդ էր։ Բոլորը մի տեսակ արհամարհանքով էին վերաբերվում նրան։ Բարձրահասակ չէր, նիհարիկ, աչքերն էլ մի տեսակ խլվլան, մեկ-մեկ էլ՝ բթամիտ խոհուն։ Առիթ լիներ մի բան պատմեր՝ կսկսեր կրակոտ, խանդավառ, նույնիսկ ձեռքերը թափահարելով, ու հանկարծ կընդհատեր, կամ կանցներ ուրիշ բանի, կհրապուրվեր նոր մանրամասներով և կմոռանար, ինչի մասին է սկսել խոսել։ Հաճախ կհայհոյեր, հայհոյելիս էլ անպայման էլ կկշտամբեր մեկնումեկին՝ իր հանդեպ ինչ֊որ մեղքի համար, և զգացմունքով կխոսեր, համարյա թե լաց լինելով... Բալալայկա վատ չէր նվագում ու սիրում էր նվագել, իսկ տոն օրերին նույնիսկ կպարեր և լավ կպարեր, երբ մեկ֊մեկ ստիպեին... Նրան շատ շուտ կարելի էր ստիպել ինչ֊որ բան անել... Ոչ թե այնքան լսող էր, այլ սիրում էր շրթապատի մեջ խցկվել ու հաճոյանալ ընկերականությունից։
Երկար ժամանակ չէի կարողանում ընկալել, թե ինչի մասին է նա պատմում։ Սկզբում ինձ էլի թվաց, թե շարունակ շեղվում է նյութից ու կողմնակի բաներով հրապուրվում։ Գուցեև նկատում էր, որ Չերյավինը համարյա չի հետաքրքրվում իր պատմությամբ, բայց կարծես ուզում էր դիտավորյալ համոզել ինքն իրեն, որ ունկնդիրը համակ ուշադրություն է, և գուցե թե շատ ցավալի կլիներ նրա համար, եթե հակառակը համոզվեր։
― ... Մեկ֊մեկ, ասենք, շուկա կմտներ,— շարունակում էր նա,— բոլորը գլուխ կտային, պատիվ կտային, մի խոսքով՝ հարուստ մարդ էր։
― Առուտո՞ւր ուներ, ասում ես։
― Հա՛, առուտուր։ Էդ մեր՝ քաղքենիության մեջ է չքավորություն։ Տիփ֊տկլոր։ Կնանիք ջուրը գետից է՜, ուր են հասցնում՝ հրեն դարատափը, բանջարանոցները ջրելու։ Տանջվում, չարչարվում են, աշնանն էլ շչի եփելու բան մնաց֊չմնաց։ Կարիքի մեջ։ Ուրեմն, մեծ հողեր ուներ, գործավորներն էին վարում֊ցանում, երեք հոգի մշտական մոտն էին, դրան գումարած՝ իր մեղուն ուներ, մեղր էր ծախում, անասուն էլ, մեր կողմերում, ուրեմս, մեծ հարգանք ուներ։ Շատ էր տարիքով, յոթանասուն, ոսկորը ծանրացել էր, մազերը սպիտակած, խոշոր մարդ էր։ Որ դուրս գար շուկա՝ աղվեսամորթու քուրքով, ամենքը գլուխ կտային։ Ուրեմս, կզգային։ «Բարև ձեզ, հայրիկ, Անկուդիմ Տրոֆիմիչ».... « Քեզ էլ բարև, կասեր»։ Ասել է թե ոչ ոքի չէր նեղացնի։ «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ — «Քո գործե՞րը ոնց են»,— կհարցներ։ «Էհ մեր գործերը, վատից էլ վատ։ Դո՞ւք ինչպես եք, պատվելիս»։ Կասեր՝ «Մենք էլ՝ ոչինչ, մեր մեղքերի չափով, ապրում ենք, օդը փչացնում»։ — «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ Էդպես, ոչ մեկին չէր արհամարհի, իսկ կխոսեր էնպես, ասես ամեն բառը մի-մի ռուբլի արժենային։ Աստվածագետ էր, կարդացած, անընդհատ սուրբ գրքեր կկարդար։ Պառավին կնստեցներ դիմացն, ու «Դե լսիր, այ կնիկ, հասկացիր»,― ու կսկսեր բացատրել։ Պառավն էլ տարիքով չէր, երկրորդ անգամ էր նրա հետ պսակվել, երեխեքի համար, ուրեմս, առաջինից չուներ։ Ուրեմս, երկրորդից, ուրեմս, Մարյա Ստեպանովնայից երկու տղա կար, արդեն մեծ, փոքրին Վասյային, վաթսուն տարեկան էր ունեցել, Ակուլկան էլ, ուրեմս, աղջիկը բոլորից մեծն էր, տասնութը տարեկան էր։
― Էդ ուրեմս, քո կի՞նն էր։
― Համբերի։ Առաջուց էլ Ֆիլկա Մորոզովը բստրեց։ Դու, ասեց, ուրեմս, Ֆիլկան, ուրեմս Անկուդինին բաժին հանի։ Լրիվ չորս հարյուր մանեթս տուր, հո աշխատողդ չե՞մ, չեմ ուզում քեզ հետ առուտուր անեմ, ու քո Ակուլկային էլ չեմ ուզում, ասեց։ Հիմա, ասեց, ես պրծա։ Հիմի ծնողներս մեռել են, ասեց, ուրեմս, էդ փողերը կտամ խմելու, հետո էլ, ուրեմս, վարձու գինվոր կգրվեմ, մի տասը տարի հետո կդառնամ ֆելդմարշալ ու կգամ էստեղ, ձեզ մոտ։ Անկուդիմն էլ փողը տվեց, լրիվ հաշիվները փակեց, որովհետև Ֆիլկայի հերը հալիվորի հետ նույն առուտուրի վրա էին։ «Կորած մարդ ես դու, ասաց»։ Սա էլ թե՝ «Էհ, կորած եմ, կորած չեմ, իսկ քեզ հետ, հալիվոր, մախաթով կաթ խմել կսովորես։ Ասեց, դու գործն երկու գռոշով ես ուզում սարքես, ինչ զիբիլ ասես կհավաքես՝ մի բանի պետք կգա։ Ուրեմս, թքած ունենամ էդ տեսակ գործի վրա։ Կդիզես, կդիզես ու սատանի իզը կբռնես։ Ես իմ բնավորությունն ունեմ, ասեց։ Քո Ակուլկային էլ չեմ առնի, առանց դրա էլ հետը պառկել եմ...»։
― Էդ ո՞նց ես համարձակվում, ասեց Անկուդիմը, խայտառակես ազնիվ հորը, ազնիվ աղջկան։ Էդ ե՞րբ ես նրա հետ պառկել, օձի կծած, իժի ծնունդ, ինքն էլ ամբողջ մարմնով դողացրեց։ Ինքը՝ Ֆիլկան էր պատմում։
― Ոչ թե մենակ ինձ հետ, ասեց, էնպես կանեմ, որ ձեր Ակուլկան ոչ մեկի հետ չպսակվի, ոչ ոք չի ուզի, Միկիտա Գրիգորյիչն էլ հիմի չի ուզի, քանի որ աղջիկն անպատված է հիմի։ Աշնանից սկսած, մի տեղ ապրուստի ենք անցել, ես էլ հիմի հարյուր կարմրով չեմ համաձայնվի։ Փորձի համար հմի հարյուր կարմիր տուր՝ չեմ համաձայնվի...
Ու հո իրեն քեֆի չտվեց ջահելը մեզ մոտ։ Էնպես, որ հողը տնքում էր, քաղաքով մեկ թնդում։ Ընկեր֊մընկեր գտավ, լիքը փող ուներ, մի երեք ամիս քեֆ քաշեց, եղածը լրիվ մսխեց։ «Փողս որ պրծավ, ասում էր, տունը կծախեմ, եղած֊չեղածը կծախեմ, հետո էլ կամ վարձու գործ, կամ էլ՝ թափառելու»։ Ու հո չէին սիրում նրան կնանիք, ասելու չի։ Լավ տորբա էր նվագում։
― Ուրեմս, Ակուլկայի հետ մինչև է՞դ էր գործ ունեցել։
― Սպասի, համբերի։ Էն ժամանակ ես էլ ծնող հորս թաղեցի, մերըս էլ պրյանիկ էր թխում, ուրեմս, Անկուդիմի մոտ էր գործ անում, դրանով էլ ապրում էինք։ Վատ էինք ապրում։ Է, մի փոքր հողամաս կար անտառի տակ, ցորեն էինք ցանում, բայց հորիցս հետո ամեն ինչ քամուն տվեցինք, քանի որ ես էլ ինձ խփեցի խմիչքի, ախպորս ասեմ։ Մորիցս փող էի պոկում ծեծուջարդով...
― Էդ լավ չի, որ ծեծուջարդով։ Մեծ մեղք է։
― Ախպորս ասեմ, մեկ֊մեկ առավոտից գիշեր հարբած էի լինում։ Մեր տունը՝ հլա ոչինչ, չնայած փտած էր, բայց մերն էր, մեջն էլ՝ լենուբոլ, նապաստակ բռնել կլիներ։ Լինում էր, սոված էինք մնում, շաբաթով ուտելու բան չէր լինում։ Մերս էլ սկսում էր ինձ փնովել, փնովել... Էն ժամանակ Ֆիլկա Մորոզովից ձեռ չէի քաշում։ Առավոտից իրիկուն նրա հետ։ «Ինձ համար կիթառ, նվագի ու պար արի, ասում էր, ես էլ պառկած տեղից քեզ փող կգցեմ, քանի որ ամենահարուստ մարդն եմ»։ Ու ինչեր ասես, չէր անում։ Մենակ գողացած ապրանք չէր վերցնում։ «Ես գող չեմ, կասեր, ես ազնիվ մարդ եմ»։ «Եկեք գնանք, կասեր, Ակուլկայենց դարպասին ձյութ քսենք, քանի որ չեմ ուզում, որ Ակուլկան Միկիտա Գրիգորյիչի հետ պսակվի։ Ինձ համար շատ թանկ էր, է՜, ասում էր»։ Իսկ Միկիտա Գրիգորյիչի հետ ծերուկը դրանից առաջ էր ուզում աղջկան պսակի։ Միկիտան էլ էր տարիքով, անկնիկ, ակնոց էր դնում, առուտուր անում։ Հենց լսեց, որ Ակուլկալի մասին լուրեր են պտտվում, ետ քաշվեց։ «Անկուդիմ Տրոֆիմիչ, ինձ համար դա մեծ անպատվություն կըլնի, քանի որ տարիքս առած մարդ էլ եմ, չեմ ուզում պսակվեմ»։ Էդտեղ էլ մենք Ակուլկայի դարպասը ձյութեցինք։ Հո չէին քերում, չէին քերում հետո... Մարյա Ստեպանովնան գոռում էր. «Աշխարհիս երեսից կջնջեմ»։ Հալիվորն էլ, թե՝ «Առաջներում, ազնիվ պատրիարքերի ժամանակ, ես դրան խարույկի վրա կտոր֊կտոր կանեի, բայց հիմա, ասեց, աշխարհս խավար է ու փուչ»։ Մեկ֊մեկ հարևանները փողոցով մեկ կլսեին, ինչպես է Ակուլկան գոռում֊բղավում։ Առավոտից իրիկուն կճիպտեին։ Իսկ Ֆիլկան շուկայով մեկ կգոռար. «Փառավոր աղջիկ է, կասեր, Ակուլկան, բաժակի ընկեր։ Վրա֊գլուխդ մաքուր, հագածդ սիպտակ, ում ես սիրում երկնքի տակ։ Ես դրանց քիթ ու մռութին հասցրի, կասեր, թող հիշեն»։ Էդ ժամանակ ես էլ մի անգամ տեսա Ակուլկային, դույլերով ջուր էր կրում, ու ձեն տվի. «Բարև ձեզ, Ակուլկա Անկուդիմովնա։ Ողջություն եմ ցանկանում, սիպտակ հագած ման ես գալիս, թուղթ գրի տեսնեմ՝ ո՞ւմ հետ կապրես»։ Ասածս էդ էր, ու հո չնայեց վրաս, աչքերը՝ խոշոր֊խոշոր, ինքն էլ նիհարած, տաշեղ դառած։ Էն ո՜նց նայեց վրաս, մերն էլ կարծեց թե աղջիկը ծիծաղում է ինձ հետ, գոռաց դարպասատակից․ «Էդ ի՞նչ ես սեպերդ բացել, անամոթի մեկը», և ուրեմս էդ օրն էլ ճիպտեցին։ Մեկ֊մեկ լրիվ ժամով կճիպտեին։ «Ճիպտելու եմ, կասեր, քանի որ հիմի էլ աղջիկ չէ ինձ»։
― Ասել է, թե անառակ էր։
― Դու լսի, լսի, հորոխպեր։ Ուրեմս, էդ ամբողջ ժամանակ ես ու Ֆիլկան կերուխումի մեջ էինք, մերըս կգար մոտս, ես էլ՝ պառկած։ «Սրիկայի մեկը, էդ ինչի՞ ես շնթռել։ Ավազակ ես դու, կասեր»։ Կփնովեր, ուրեմս։ «Պսակվի, կասեր, հրեն, Ակուլկայի հետ պսակվի։ Նրանք հիմի քեզ նմանին տալուն էլ ուրախ կըլնեն, երեք հարյուր ռուբլի հետը կտան»։ Ես էլ, թե՝ «Ախր, հիմի նա աշխարհքով մեկ խայտառակ է եղել, ասի»։— «Ախմախ ես, ասեց, պսակն ամեն բան ծածկում է, քեզ համար էլ ավելի լավ կըլնի, որ կյանքովը մեկ մեղավոր կըլնի քո առաջ։ Մենք էլ նրանց փողերով կդրստվենք։ Ասեց, ես արդեն Մարյա Ստեպանովնայի հետ խոսել եմ։ Շատ էլ լավ լսեց»։ Ես էլ՝ «Փողն, ասի, քսան հատ տասնոց՝ սեղանին, էդ ժամանակ կպսակվեմ»։ Ու կհավատաս, թե չէ, մինչև հարսանիքիս օրը գիշեր֊ցերեկ խմած էի։ Էդտեղ էլ, ուրեմս, Ֆիլկա Մորոզովը սկսեց հաթաթա տալ. «Ակուլկայի մարդն ես, ինչ ես, կողերդ լրիվ կհամրեմ, կնկանդ հետ էլ, ուզեցա, ամեն գիշեր կպառկեմ»։ Ես էլ՝ «սուտ ես ասում, շան ցկնած»։ Էստեղ դա փողոցով մեկ խայտառակ արեց ինձ։ Ետ գնացի տուն. «Չեմ ուզում պսակվեմ, ասի, թե որ հենց հիմի հիցուն հատ տասանոց չդնեք սեղանին»։
― Ախր, քհ՞զ ինչի էին տալիս։
― Էդ ի՞նձ։ Ինչի որ չէ։ Մենք հո անպատիվ չէինք։ Իմ ծնող հերը մենակ վերջում սնանկացավ հրդեհից, թե չէ իրենցից էլ հարուստ էինք ապրում։ Անկուդիմն էլ բռնեց ու ասաց. «Դուք տիփ-տկլոր եք, ասեց»։ Ես էլ պատասխան տվի. «Ձեր դռանն էլ քիչ ձյութ չեն քսել»։ Նա էլ, թե՝ «Ի՞նչ ես ձևեր թափում մեզ վրա։ Գնա, ապացուցի, որ անպատիվ է, թե չէ ամենքի բերանը խցկել չիլնի։ Էս դու, էս՝ դռան շեմը, մի պսակվի։ Մենակ թե առածդ փողը բեր, ետ տուր»։ Ես ու Ֆիլկան էլ որոշեցինք՝ Միտրիյ Բըյկովին ղրկեցինք նրան ասի, որ հիմի աշխարհքով մեկ խաղք ու խայտառակ եմ անելու, ու մինչև հարսանիքի օրը, ախպորս ասեմ, առանց դադար տալու, խմած էի։ Մենակ պսակին ուշքի եկա։ Ու հենց բերեցին մեզ պսակից, նստեցրին, Միտրոֆան Ստեպանիչը՝ քեռին, ուրեմս, ասեց. «Չնայած արդար չէր, բայց, ասեց, գործը պինդ բռնեցինք ու պրծանք»։ Հալիվորն էլ, Անկուդիմը, ուրեմս, նմանապես խմած էր ու լաց եղավ, նստել ու արցունքները մորուքի վրայով գլորգլոր թափվում էին։ Էդ ժամանակ էլ, ախպերս, ինչ անեմ, որ լավ ըլնի հետս մի լավ ճիպոտ էի վերցրել, մինչև պսակն էի պահել ու էդպես էլ որոշել, որ հիմի Ակուլկայից մուռս կհանեմ, որ իմանա, թե ինչ ասել է անազնիվ խաբելով մարդու գնալը, մեկ էլ՝ մարդիկ կիմանան, որ ախմախ֊ախմախ չեմ պսակվել...
― Էդ է որ կա։ Ուրեմս, որ հետո էլ զգա...
― Չէ, հորոխպեր, գու նստի ու լսի։ Մեր կողմերում հենց պսակից հետո տանում են մութ սենյակ, մնացած հարսանքավորն էդ ժամանակ խմում է։ Ուրեմս, ինձ ու Ակուլկային թողեցին էդ սենյակում։ Ակուլկան նստած էր էդպես սպիտակած, երեսին գույն չկար։ Վախեցել էր, ուրեմս։ Մազերն էլ էին լրիվ վուշի նման, սպիտակ-սպիտակ։ Աչքերը՝ մեծ-մեծ։ Ու միշտ սուս, ձենը չէր լսվում, կարծես տանն անլեզու մարդ էր ապրում։ Շատ էր մի տեսակ։ Ու ի՞նչ կարող ես մտածես, ախպերս, ախպերս ես որ ղամշիս պատրաստ դրել եմ տեղաշորի կողքը, բայց նա, ախպերս որ դու ես, ոչ մի բանով մեղավոր դուրս չեկավ իմ առաջ։
— Չէ՛ հա՜։
― Ոչ մի բանով։ Արդար էր ու ազնիվ, արդար տնից։ Ու թե ինչի էր էդ տեսակ չարչարանք տարել։ Ինչի՞ համար էր Ֆիլկա Մորոզովն աշխարհքով մեկ խայտառակ արել նրան։
― Հա՛։
― Էդտեդ ես հենց տեղաշորից ծնկի իջա նրա առաջ, ձեռներս ծալեցի. «Հոգիս, ասեցի, Ակուլինա Անկուդիմովնա, ներող եղի ինձ նման ախմախին, որ քեզ էդ տեսակ էի կարծել։ Ներող եղի, ասեցի, ինձ պես սրիկային»։ Ու նստել էր առաջս, տեղաշորին, նայում էր երեսիս, երկու ձեռքն ուսերիս դրած, ծիծաղում էր, բայց արցունքները թափվում էին, լաց էր լինում ու ծիծաղում... Էդտեղ դուրս եկա բոլորի առաջ. «Էհ, ասի, Ֆիլկա Մորոզովին թե հանդիպեցի, էլ կյանք չի ունենա աշխարհքիս երեսին»։ Հալիվորներն էլ չեն իմանում, ում աղոթք անեն, մերը համարյա թե ոտքերն ընկավ, վնգում էր։ Հալիվոր հերն էլ էդտեղ ասեց. «Թե իմանայինք ու հավատային, մեր քաղցր աղջիկ, էս տեսակ մարդ չէ, որ քեզ համար կճարեինք»։ Ու առաջին կիրակին երկուսով ոնց գնացինք եկեղեղի, ես՝ գառան մորթու գլխարկով, բարակ մահուդից կաֆատնով, շալվարս՝ պլիսե, Ակուլինան էլ նապաստակի նոր մուշտակով, մետաքսե գլխաշորով՝ ասել է թե ես իրեն վայել, ինքն էլ՝ ինձ, էդպես էլ գնացինք։ Մարդիկ մեզ էին նայում սիրով, ես որ ինձ գիտեմ, Ակուլկային էլ չնայած ուրիշների առաջ գովաբանել չիլնի, բայց փնովել էլ՝ չէ, էնպես որ տասից մեկն ինքն է որ կա։
― Ուրեմս, լավ է։
― Ուրեմս, լսի։ Հարսանիքի հենց մեկել օրը, չնայած խմած էի, հարսանքավորից փախա, վազում էի. «Էստեղ բերեք էդ անբանուդործ Ֆիլկա Մորոզովին, էստեղ բերեք սրիկային»։ Գոռում էի բազարով մեկ։ Ես էլ՝ խմած֊հարբած, Վլասովների խանութի մոտ ինձ բոնեցին ու երեք հոգով զոռով տուն բերին։ Քաղաքով մեկ խոսք ու զրույց էր գնում։ Կնանիք բազարում իրար մեջ խոսում էին. «Աղջկերք, խելոքներ, իմացա՞ք բանը։ Ախր, Ակուլկան պատվով֊նամուսով է եղել»։ Ֆիլկան էլ, մի քանի օր անց, մարդկանց մեջ ինձ ասեց. «Կնկանդ ծախի, խմելու կտաս։ Հրեն, մեր զինվոր Յաշկան դրա համար էլ պսակվեց. կնկա հետ չէր քնում, երեք կլոր տարի խմած ման եկավ»։ Նրան ասի, թե՝ «Սրիկա մարդ ես»։ Դա էլ՝ թե «Դու էլ ախմախ ես։ Ախր, ասեց, քեզ խմած֊խմած են պսակել, ասեց, ի՞նչ էիր հասկանալու էդ գործից»։ Տուն եկա ու գոռացի. «Դուք ինձ խմած֊խմած եք պսակել, ասի»։ Էստեղ մերը կպավ բկիցս։ «Մերիկ, ասի, ականջներդ ոսկուց ծանրացել են։ Էստեղ բերեք Ակուլկալին»։ Է, սկսեցի Ակուլկային գզել։ Գզեցի, գզեցի, ախպերս, երկու ժամի չափ գզում էի, մինչև, որ հազիվ ոտի վրա էի մնում։ Ինքն էլ երեք շաբաթ տեղաշորից չելավ։
― Էդպես է,— սառնարյուն նշեց Չերյավինը,— որ չծեծես, դրանց... բայց դու նրան սիրածի հետ բռնացրե՞լ ես։
— Չէ, բռնացնելը՝ չեմ բռնացրել,— լռելուց հետո և մի տեսակ ճիգով նշեց Շիշկովը։— Ու շատ ցավալի դառավ ինձ համար, մարդիկ լրիվ կատաղեցին, ու էդ ամենի սարքողը Ֆիլկան էր։ «Կնիկդ, ասեց, նմուշի համար է, որ մարդիկ նայեն»։ Տուն կանչեց մեզ, ու բերանը հո չբացեց. «Նրա կնիկն, ասեց, բարիբարի հոգի է, ազնիվ, խոնարհ, մարդամոտ, ամեն ինչով լավն է, ասեց, հիմի նրա համար։ Բայց տղեն մոռացե՞լ է, թե ինքը ո՞նց էր ձութ քսում նրա դարպասին»։ Ես էլ խմած֊հարբած նստած եմ, ու հո չբռնեց մազերիցս, էն ժամանակ ունեի, բռնեց ու կզացրեց։ «Պար արի, ասեց, Ակուլկայի մարդ, մազերիցդ բռնած պահելու եմ, դու էլ պար կգաս, ինձ կուրախացնես»։ «Սրիկայի մեկը»,— գոռացի։ Նա էլ, թե՝ «Խմբով գալու ենք, մոտդ, ու Ակուլկային կնկանդ, աչքիդ առաջ ճիպտելու եմ, ինչքան քեֆս տա»։ Ես էլ, կհավատաս, թե՝ ոչ, դրանից հետո մի լրիվ ամիս վախում էի տնից դուրս գալ, մտածում էի, կգա, անպատիվ կանի։ Հենց դրա համար էլ սկսի Ակուլկային ծեծել...
― Իսկ ինչի՞ ծեծել։ Ձեռները կապեցիր, լեզվին կապ չկա։ Շատ ծեծելն էլ մի բան չէ։ Պատժի, սովորացրու, սիրով եղի։ Դրա համար էլ կնիկ է։
Շիշկովը որոշ ժամանակ լուռ էր։
― Շատ էի նեղված,— շարունակեց նորից,— էլի անցա էդ սովորությանր, օր էր լինում, առավոտից իրիկուն ծեծում էի՝ լավ չվերկացավ, լավ չքայլեց։ Որ չէի ծեծում, տխրում էի։ Նստում էր մեկ-մեկ սուսուփուս, պատուհանից նայում դուրս, լաց լինում... Մեկ-մեկ էլ միշտ էր լացում, մեղքս գալիս էր, բայց ծեծում էի։ Մերըս դրա համար փնովում ու փնովում էր. «Սրիկայի մեկն ես, ասում էր, բռնավորի հոգի ունես»։ — «Կսպանեմ, գոռում էի, թող ոչ ոք սիրտ չանի ինձ բան ասի, ինձ խաբելով եք պսակել»։ Սկզբից հալիվոր Անկուդիմն էր պաշտպան կանգնում, ինքն էր գալիս. «Աստված գիտե, ասում էր, թե ինչ պտուղ ես դու, հախիցդ գալու ձևը կգտնեմ»։ Հետո ձեռ քաշեց։ Մարյա Ստեպանովնան էլ կարծես լրիվ հաշտվել էր։ Մի անգամ եկավ, լացախառն աղաչեց. «Մի խնդիրք-աղաչանքով եմ եկել, Իվան Սեմյոնիչ, եղածը մի բան չէ, խնդրանքս է մեծ։ Թող լույս աշխարք տեսնենք, պատվելիս,— գլուխ էր տալիս,— հաշտվի, ների ադջկաս։ Չար լեզուներն են բամբասել, ինքդ գիտես, կույս ես առել»։ Ոտերս ընկավ, լաց եղավ։ Ես էլ ձևեր եմ թափում. «Հիմի ձեզ լսել էլ չեմ ուզում։ Ինչ ուզենամ, անելու եմ լրիվիդ գլխին, քանի որ ինքս իմ տերը չեմ, Ֆիլկա Մորոզովն էլ, ասի, ինձ բարեկամ է ու առաջին ընկեր...»։
― Ուրեմս, նորի՞ց իրար ընկաք։
― Էն էլ ո՜նց։ Ու բռնելու տեղ էլ չկար։ Լրիվ իրեն տվել էր խմելու։ Ունեցած֊չունեցածը ծախսեց ու վարձվոր մտավ մի քաղքենու մոտ՝ մեծ տղի փոխարեն բանակ գնալու։ Մեր կողմերում էլ թե մեկը վարձվոր դառավ, մինչև տանելու օրը տան մեջ ամեն ինչ նրա առաջ փռած պիտի լինի, ամենքի գլխին տերուտիրական կդառնա։ Փողը լրիվ կստանա, մինչև գնալը նրանց տանը կապրի, կես տարով կապրի, ու ինչեր ասես չի սարքի տանտերերի գլխին, դիմանալու բան չէ։ Իբր, ես քո տղի փոխարեն զինվոր եմ գնում, ուրեմս ձեր բարեգործն եմ, էնպես որ լրիվդ ինձ պտի հարգեք, թե չէ ձեռ կքաշեմ։ Էդպես Ֆիլկան քաղքենու տունը տակնուվրա արեց, աղջկա հետ քնում էր, ամեն օր ճաշից հետո տանտիրոջ մորուքը քաշքաշում, քեֆն ինչ տար, անում էր։ Ամեն օր նրա համար բաղնիս պիտի վառեին, և որ գոլորշին արաղով լիներ, և որ կնանիք տանեին բաղնիս՝ ձեռների վրա։ Կերուխումից կգար, կկանգներ փողոցում. «Դարպասով չեմ ուզում, ցանկապատը քանդեք», էդպես էլ նրա համար դարպասի կողքի տախտակ կհանեին, որ մտներ։ Վերջը պրծավ, տարան զինվորության, ուշքի բերեցին։ Ժողովուրդ հո չէր թափվել փողոցը. Ֆիլկա Մորոզովին տանում են զինվոր տալու։ Գլուխ էր տալիս բոլոր կողմերի վրա։ Ակուլկան էլ էդ ժամանակ բանջարանոցից էր գալիս, Ֆիլկան նրան տեսավ թե չէ, հենց մեր դարպասի մոտ, գոռաց՝ «Կանգնի», դուրս թռավ սելից ու միանգամից գետնահաս գլուխ տվեց նրան. «Հոգիս, ասեց, քաղցրս, երկու տարի սիրել եմ քեզ, հիմի էլ նվագով֊բանով զինվոր են տանում։ Կներես ինձ, ասեց, ազնիվ հոր ազնիվ աղջիկ, քանի որ սրիկայություն եմ արել քո առաջ, լրիվ մեղավոր եմ»։ Ու մի անգամ էլ գլուխ տվեց։ Ակուլկան կանգնեց, սկզբից ոնց որ վախեցավ, հետո ինքն էլ գոտկահաս գլուխ տվեց ու ասեց. «Դու էլ ինձ ների քաջ տղա, քեզ վրա ոչ մի չարություն չունեմ»։ Ակուլկայի ետեից մտա խրճիթ. «Էդ ի՞նչ ասիր նրան, շան ցնկնած»։ Կհավատաս, թե չէ, նայեց վրաս ու. «Ախր ես նրան, ասեց, հիմի աշխարհքի չափ եմ սիրում»։
― Տես է՜...
― Էդ լրիվ օրը ոչ մի խոսք չասի նրան։ Մենակ իրիկնադեմին. «Ակուլկա, հիմի ես քեզ կսպանեմ, ասի»։ Գիշերը քուն չեկավ աչքիս, ելա հաշտը՝ կվաս խմելու, տեսնեմ՝ լուսը բացվում է։ Ներս գնացի. «Ակուլկա, ասի, հավաքվի, գնանք հողամաս»։ Ես դրանից առաջ էի պատրաստվել, մայրիկն էլ գիտեր, որ գնալու ենք։ «Լավ գործ եք բռնել, ասեց, բերքի ժամանակ է, աշխատողն էլ, լսել եմ, պառկած է փորին»։ Սելը լծեցի, սուս էի։ Մեր քաղաքից որ դուրս ես գալիս, միանգամից անտառն է բացվում տասնհինգ վերստի վրա, դրանից դեն էլ մեր հողամասն է։ Երեք վերստ անտառով գնացինք, ձիանիք կանգնացրիք։ «Վեր կաց, ասի, Ակուլկա, վերջդ եկավ»։ Ինձ նայեց, վախեցավ, կանգնեց դեմս՝ սուսուփուս։ «Զզվացրիր ինձ, ասեցի, աղոթքդ արա»։ Ու հո չբռնեցի մազերից, հյուսքերը՝ հաստ֊հաստ, փաթաթի ձեռքիս, ետևից երկու կողմից ծնկներով հուպ տվի, դանակս հանեցի, գլուխն, ուրեմս ետ տարա ու հո չքաշեցի բկի վրա... Ուժեղ գռռաց, արյունը չռռում էր, դանակը շպրտեցի, դեմից երկու ձեռքով բռնեցի, ընկա հողին, գրկեցի նրան ու գոռացի, հո չէի գոռում, ինքն էլ էր գոռում, պոկվում ձեռներիցս, արյունն էլ՝ լրիվ վրաս, արյունն, ուրեմս, ձեռներին ու երեսին չռռալով թափվում էր։ Թողեցի նրան, վախս ուժեղացավ, ձին էլ թողեցի ու փախա, հետևներով հասա մեր տուն ու մտա բաղնիս, բաղնիսն էլ հին, անգործածելի էր, ելա առաստաղի տակ ու նստեցի, մնացի։ Մինչև գիշեր նստած էի։
― Բա Ակուլկա՞ն։
― Նա էլ ոնց որ թե ինձնից հետո վեր էր կացել ու ճամփա ընկել տուն։ Էդպես, հետո նրան էնտեղից հարյուր քայլի վրա գտել էին։
― Ուրեմս, լավ չես կտրել։
― Հա...— Շիշկովը մի րոպեի չափ դադար տվեց։
― Մի երակ կա,— խոսեց Չերյավինը,— թե որ էդ երակն առաջին անգամից չկտրեցիր, ուրեմս, մարդս կթփրտա ու ինչքան էլ արյուն թափվեց, չի մեռնի։
― Ախր, մեռավ նա։ Իրիկնադեմին մեռած էին գտել։ Իմաց տվին, սկսին ինձ ման գալ ու գիշերվա դեմ գտան բաղնիսում... Էս է, չորրորդ տարին հաշվի, էստեղ եմ ապրում,— ավելացրեց նա, լռելուց հետո։
― Հըմ... Էդպես է, որ չծեծես, գործը գլուխ չի գա,— սառնարյուն, մեթոդաբար նշեց Չերյավինը, նորից հանելով իր կոտոշը։ Սկսեց քաշել քիթը՝ երկար ու դադարներով։— Բայց քեզ ասեմ, մեր տղա,― շարունակեց նա,― շատ ախմախ գործ ես բռնել։ Ես էլ մի անգամ կնկանս բռնացրի սիրեկանի հետ։ Ուրեմս, կանչեցի մարագ, սանձն երկու տակ արեցի. «Ո՞ւմ ես երդվում, ասի, ո՞ւմ ես երդում տալի»։ Ու հո չծեծեցի սանձով։ Խփեցի, խփեցի, ժամ ու կես խփում էի, ուրեմս, նա էլ թե՝ «Ոտներդ կլվամ, գոռում էր, ջուրը կխմեմ»։ Անունն Ավդոտյա էր։
=== V։ Ամռան օրեր ===
Բայց ահա և ապրիլի սկիզբը, ահա և մոտենում է սուրբ շաբաթը։ Կամաց-կամաց սկսվում են նաև ամառային աշխատանքները։ Օրըստօրե արևն ավելի է տաքացնում ու ավելի վառ է, օդը լի է գարնան բույրերով և բորբոքուն ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Մոտալուտ տոնական օրերը հուզում են նաև շղթայագամ մարդուն, նրա մեջ ծնում ինչ֊ինչ ցանկություններ, ձգտումներ, տրտմություն։ Թվում է, էլ ավելի սաստիկ ես տխրում ազատության համար արևի վառ շողերի ներքո, քան ձմռան կամ աշնան մթնամած օրերին, և դա նկատելի է բոլոր կալանավորների վրա։ Նրանք կարծես թե ուրախ են պայծառ օրվանից, բայց դրա հետ մեկտեղ նրանց մեջ ահագնանում է մի անհամբերություն, պոռթկունություն։ Իրոք, ես նկատեցի, որ գարնանը մի տեսակ ավելանում էին մեզ մոտ բանտային վեճուկռիվները։ Ավելի հաճախ կլսեիր աղմուկ, աղաղակ, բղավոցներ, պատմություններ կառաջանային, դր հետ մեկտեղ, գործատեղում հանկարծ կնկատեիր մեկնումեկի մտախոհ ու գամված հայացքը՝ դեպի կապտին տվող հեռուները՝ ինչ֊որ տեղ։ Իրտըյշի մյուս ափը, ուր ծայր են առնում սփռոցի պես մեկուկես հազար վերստ փռված, ղըրղըզական արձակ տափաստանը, կլսեիր մեկնումեկի խորունկ հոգոցը՝ լիակուրծք, կարծես մարդը կուզենար սոսկ ներշնչել այդ հեռավոր, ազատ օդն ու թեթևացնել իր ճնշված, շղթայված հոգին։ «Է՜խ-մա՛» կասի կալանավորը վերջապես և հանկարծակի, ասես թոթափած անուրջ ու մտորում, անհամրելությամբ և մռայլված, ձեռքը կառնի բահը կամ աղյուսները, որոնք պիտի տանի մի տեղից մյուսը։ Մեկ րոպե անց արդեն կմոռանա իր հանկարծահաս զգացողությունը և կսկսի խնդալ կամ կռվշտել՝ ըստ բնավորության, մեկ էլ հանկարծ անսովոր, հարկը եղածից առավել եռանդով կանցնի աշխատանքային կետարքին, եթե տրված է այդպիսին ու կսկսի բանել, բանել ամբողջ ուժով, ճիշտ ասես կամենալով գործի ծանրությամբ խեղդել իր մեջ այնպիսի մի բան, ինչ ինքնին նեղում է նրան և ճնշում ներքուստ։ Մեծ մասամբ ուժեղ մարդիկ են, մեծ մասամբ տարիքի և ուժի ծաղկուն շրջանում... ծանր են կալանդներն այդ ժամանակ։ Այս պահին ես չեմ բանաստեղծականացնում և վստահ եմ գրածիս ճշմարտությանը։ Բացի դրանից, որ վառ արևի ջերմության ներքո, երբ ամբողջ հոգով, ամբողջ էությամբ զգում ու լսում ես չորսբոլորդ բազմապատիկ ուժով հառնող բնությունը, էլ ավելի ծանր է դառնում փակ բանտը, պահախումբը և ուրիշի կամքը, բացի որ այդ օրերին Սիբիրով և համայն Ռուսիայով մեկ, առաջին արտույտների հետ ծայր է առնում թափառաշրջիկությունը, Աստծո մարդիկ փախչում են բանտերից և պատսպարվում անտառներում։ Հեղձուկ փոսերից հետո, նավերից, կալանդներից ու մահակներից հետո նրանք թափառում են՝ ուր ուզենան, իրենց կամքով, ուր ավելի ձեռնտու է, ավելի ազատ, ուտում և խմում են՝ որտեղ ինչ հաջողվեց, Աստծո տվածով, իսկ գիշերները խաղաղ քնում անտառում կամ դաշտում որևէ մի տեղ, առանց մեծ հոգսի, առանց բանտային թախծի, հանց անտառի հավքեր, գիշերը հրաժեշտ տալով սոսկ երկնի աստղերին, Աստծո հայացքի ներքո։ Ո՜վ ինչ կասի։ Երբեմն թե ծանր է լինում, թե քաղցած, թե տանջալի «ծառայելը գեներալ Կուկուշկինի մոտ»։ Երբեմն օրերով հացի երես չեն տեսնում, բոլորից պիտի թաքնվեն, պահվեն։ Երբեմն ստիպված են լինում թե՛ գողանալ, թե՛ թալանել, մեկ-մեկ էլ՝ սպանել։ «Աքսորականը երեխի պես բան է, աչքն ինչի ընկավ, կտանի»՝ Սիբիրում ասում են աքսորաբնակների մասին։ Ասացվածքն ամբողջովին, նույնիսկ որոշ հավելումով կարող է վերաբերվել և թափառաշրջիկին։ Նա հազվադեպ ավազակ չէ և համարյա միշտ՝ գող, անշուշտ, ավելի շատ անհրաժեշտությունից, քան բնույթքով։ Կան անուղղելի թափառաշրջիկներ։ Փախչում են նրանք, նույնիսկ ավարտելով իրենց աքսորական ժամկետը, արդեն վերաբնակեցման վայրից։ Թվում է, թե գոհ է վերաբնակեցումից և ապահովված է, բայց չէ, կարծես ինչ֊որ տեղ ձգում է նրան, կանչում։ Կյանքն անտառներում աղքատիկ ու սարսափելի, սակայն ազատ և լի է արկածներով, կյանքն ինչ֊որ գայթակղիչ բան ունի, մի խորհրդավոր հմայք նրանց համար, ովքեր մեկ անգամ արդեն զգացել են դա, և մեկ էլ տեսար, փախավ մարդը՝ ոմանք նույնիսկ համեստ, չափած-ձևված, որն անգամ խոստանում էր դառնալ լավ, նստակյաց ու կարգին տնտեսվար։ Ոմանք անգամ ամուսնանում են, երեխաներ ունենում, հինգ տարի ապրում են մի տեղում ու հանկարծ մի գեղեցիկ առավոտ անհետ անում ինչ-որ ուղղությամբ, տարակուսանքի մեջ թողած կնոջը, երեխաներին և ամբողջ վոլոստը, որին կցված էր։ Մեր բանտում ինձ զույց տվեցին այդպիսի մի փախչողի։ Առանձնապես հանցանքներ չէր գործել, ծայրահեղ դեպքում՝ չէին լսել, որ խոսեն նա մասին այդ առումով, այնինչ շարունակ փախել էր, ամբողջ կյանքը փախուստի մեջ եղել։ Հասել էր թե ռուսական հարավային սահման՝ Դանուբից այն կողմ, թե ղըրղըզական տափաստաններ, թե Արևելյան Սիբիր, թե Կովկաս՝ ամեն տեղ եղել էր։ Ով գիտե, գուցեև ուրիշ հանգամանքներում նրանից մի որևէ Ռոբինզոն Կրուզո դուրս կգար ճանապարհորդելու իր մոլությամբ։ Իմիջիայլոց, այս ամենը նրա մասին պատմել են այլոք, իսկ ինքը քիչ էր խոսում բանտում, գուցեև ամենակարևորը մրմնջար երբևէ։ Շատ փոքրամարմին մուժիկ էր, արդեն հիսունին մոտ, չափազանց հանդարտ, չափազանց հանգիստ և նույնիսկ բութ դեմքով, ապուշության հասնող հանդարտ։ Ամռանը սիրում էր նստել արևի տակ և մեկ-մեկ անպայման ինչ-որ երգ կմրմնջար քթի տակ, բայց այնքան մեղմ, որ հինգ քայլի վրա արդեն չէր լսվի։ Դիմագծերը մի տեսակ փայտացած էին, ուտում էր քիչ, ավելի շատ՝ հաց, երբեք չգնեց ոչ մի կալաչ, ոչ մի շկալիկ օղի, ու հազիվ թե երբևէ փող լիներ ձեռքը, հազիվ էլ թե հաշվել կարողանար։ Ամեն ինչին կատարելապես հանգիստ էր վերաբերվում։ Երբեմն բանտի շներին էր կերակրում ձեռքից, իսկ մեզ մոտ բանտային շներին ոչ ոք չէր կերակրում։ Ասենք, ռուս մարդն ընդհանրապես չի սիրում շանը կերակրել։ Ասում էին, ամուսնացած է եղել, նույնիսկ երկու անգամ, ասում էին՝ ինչ-որ տեղ երեխաներ ունի... Թե ինչի համար էր բանտ ընկել, բացարձակա պես չգիտեմ։ Մերոնք բոլորը սպասում էին, որ մեզ մոտից էլ է ծլկելու, բայց կամ դրա ժամանակը չէր եկել, կամ տարիներն էին անցել, ինքն իր համար ապրում էր, հայեցողաբար վերաբերվելով իրեն շրջապատող այդ համակ արտառոց միջավայրին։ Իմիջիայլոց, վսաահել չէր լինի։ Թեև թվում է, թև ի՞նչ ուներ փախչելու, ի՞նչ էր շահելու։ Այնինչ և այդուհանդերձ, անտառի, թափառականի կյանքն ամբողջությամբ դրախտ է բանտային համեմատությամբ։ Այնքան է հասկանալի, և չի կարող որևէ համեմատություն լինել։ Թեև ծանր է վիճակդ, բայց ամեն ինչում ազատ վիճակ է։ Ահա թե ինչու, յուրաքանչյուր կալանավոր Ռուսիայում, որտեղ էլ նստած լինի, մի տեսակ անհանգիստ է դառնում գարնանը, գարնանային արևի առաջին բարեբեր շողերի հետ։ Թեև ամենևին ոչ բոլորն են մտադիր փախչել, վճռականորեն պիտի ասել, որ դժվարության և պատասխանատվության առումով հարյուրից մեկն է վճռում, սակայն և մնացած իննսունիննը գոնե անրջում են, թե ինչպես կարելի է փախչել և ուր փախչել, թեկուզև հոգիներն են թեթևացնում մեն-միակ ցանկությամբ, հնարավորության միայն պատկերացմամբ։ Մեկնումեկն էլ հիշում է գոնե, թե ինչպես է նախկինում, երբևէ փախել... Հիմա ես խոսում եմ դատապարտվածների մասին։ Բայց, անշուշտ, շատ ավելի հաճախ և բոլորից շատ ենթադատներից են վճռում փախուստի դիմել։ Պատժաժամկետ ստացածները գուցեև փախչեն սոսկ իրենց կալանավորության սկզբում։ Իսկ երկու-երեք տարի տաժանակրություն կրելով, կալանավորն արդեն սկսում է գնահատել այդ տարիները և կամաց-կամաց համաձայնում նեքուստ, որ ավելի լավ է օրինական կարգով ավարտեն իրենց աշխատանքային կետարքը և դուրս գան վերաբնակեցման, քան այդպիսի ռիսկի դիմեն ու անհաջողության դեպքում այդպիսի վախճան ունենան։ Իսկ ձախողումն այնքա՜ն է հնարավոր։ Թերևս միայն տասներորդին է հաջողվում ''փոփոխել իրավիճակը''։ Դատապարտվածներից նույնպես, մյուսներից ավելի հաճախ սիրտ են անում փախչել չափազանց երկար ժամկետ ունեցողները։ Տասնհինգ-քսան տարին թվում է անսահմանություն, և նման ժամկետով դատապարտվածը մշտապես պատրաստ է երազել վիճակի փոփոխման մասին, թեև արդեն տասր տարի տաժանավայրում է։ Վերջապես, մասամբ խորաններն են քսանգարում սիրտ անել փախուստի։ Իսկ ''վիճակի փոփnխումը'' տեխնիկական տերմին է։ Այդպես էլ հարցաքննությունների ժամանակ, եթե բռնեն փախուստի մեջ, կալանավորը կպատասխանի, թե ուզում էր փոխել իր վիճակը։ Փոքր֊ինչ գրքային այս արտահայտությունը տառացիորեն կիրառելի է այդ գործում։ Յուրաքանչյուր փախչող նկատւ ունի, որ ոչ թե կազատվի ամբողջովին, նա գիտե, որ դա համարյա անհնարին է, բայց եթե ընկնի ուրիշ մի հաստատություն, կամ հաջողի վերաբնակեցման, կամ նորից դատվի նոր հանցանքով, կատարած արդեն թափառաշրջիկության ընթացքում, մի խոսքով, միայն ոչ հին, ձանձրացրած տեղը, ոչ նախկին բանտը։ Բոլոր այդ փախստականները, եթե ամռան ընթացքում իրենց համար չգտնեն որևիցե պատահական, արտակարգ տեղ, ուր կձմեռեն, եթե, օրինակ, դեմ չառնեն որևէ փախստական թաքցնողի, ում դա շահեկան է, եթե ի վերջո, երբեմն սպանությամբ ձեռք չգցեն իրենց համար որևիցե անձնագիր, որով կարելի է ապրել ամենուրեք, բոլոր նրանք աշնանամուտին, եթե մինչ այդ չբռնվեին, մեծ մասամբ իրենք էին հոծ խմբերով հայտնվում քաղաքներում ու բանտերում, որպես փախածներ և բանտ նստում ձմեռելու, ոչ առանց ամռանը նորից փախչելու հույսի։
Գարունը ներազդում էր վրաս։ Հիշում եմ, ինչպես էի երբեմն ագահորեն նայում ցանկապատի ճեղքից դուրս և կանգնում երկար-երկար, գլուխս հենած մեր ցանկապատին, համառությամբ և ագահորեն զննելով, ինչպես է կանաչում խոտը մեր պարսպաթմբին, ինչպես ավելի ու ավելի թանձր է կապտում հեռավոր երկինքը։ Անհանգստությունս և թախիծս աճում էին օրեօր, և բանտն ավելի ու ավելի էր ատելի դառնում։ Ատելությունը, որը որպես ազնվական, կալանավորների կողմից զգում էի մշտապես, առաջին տարիների ընթացքում, գնալով ավելի անդիմադրելի էր դառնում ինձ համար, թունավորում ամբողջ կյանքս։ Առաջին այդ տարիներին հաճախ էի գնում հոսպիտալ պառկելու, առանց որևէ հիվանդության, սոսկ որպեսզի բանտում չլինեմ, որ ազատվեմ լոկ այդ համառ, ոչնչով չզսպվող համընդհանուր ատելությունից։ «Դուք երկաթյա կտուցներ եք, դուք մեզ կտցել եք»,— մեզ ասում էին կալանավորները, և մեկ֊մեկ ինչպես էի նախանձում բանտ ընկած հասարակ մարդկանց։ Նրանք անմիջապես ընկերանում էին բոլորի հետ։ Այդ իսկ պատճառով գարունը, ազատության ուրվականը, բնության համընդհանուր խինդն ինձ վրա ներգործում էին տխրությամբ և բորբոքվածությամբ։ Պասի վերջում, կարծեմ վեցերորդ շաբաթին, ինձ վիճակվեց ծոմ պահել։ Ամբողջ բանտը, դեռևս առաջին շաբաթից ավագ ենթասպան բաժանել էր յոթ հերթափոխի՝ պասի շաբաթների համաձայն ծոմ պահելու։ Այդպիսով, ամեն հերթափոխ երեսուն հոգուց էր կազմված։ Ծոմի շաբաթն ինձ շատ դուր եկավ։ Ծոմապահներն ազատվում էին աշխատանքից։ Գնում էինք բանտից ոչ հեռու գտնվող եկեղեցին՝ օրական երկու֊երեք անգամ։ Վաղուց չէի եղել եկեղեցում։ Մեծ պասի արարողությունը, այնքան ծանոթ հեռավոր մանկությունից, հայրական տանը, հանդիսավոր աղոթքները, գետնահաս խոնարհումները՝ այդ ամենը տակնուվրա արեց իմ հոգում վաղուց անցած֊գնացածը, հիշեցրեց մանուկ հասակի տպավորությունները, և հիշում եմ, ինձ համար շատ հաճելի էր, երբ առավոտյան, գիշերվանից դեռ սառած հողի վրայով, լցված զենքերով պահախումբը մեզ տանում էր Աստծո տուն։ Պահախումբն, ի դեպ, եկեղեցի չէր մտնում։ Եկեղեցում խռնվում էինք հոծ խմբով հենց դռան մոտ, ամենավերջին տեղում, այնպես որ լսում էինք միայն ձայնեղ սարկավագին, հազվադեպ ամբոխի ետևից նկատում վանականի սև շուրջառը կամ ճաղատը։ Հիշում էի, թե ինչպես դեռևս մանուկ հասակում, եկեղեցում կանգնած, երբեմն նայում էի հասարակ ժողովրդին՝ խռնված մուտքի մոտ, որոնք հաճկատարությամբ ճամփա էին բացում փարթամ ուսապանակների, հաստափոր կալվածատիրոջ, կամ պճնված, սակայն չափից ավելի բարեպաշտ տիրուհու առաջ, ովքեր անպայման առաջին տեղերում էին լինում ու պատրաստ՝ րոպեն մեկ վեճի բռնվել առաջին տեղի համար։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ մուտքի մոտ աղոթում էին ոչ այնպես, ինչպես մեր շարքերում, աղոթում էին խոնարհաբար, մոլեռանդորեն, գետնահաս խոնարհումներով և մի տեսակ իրենց նսեմության կատարյալ գիտակցումով։
Հիմա ինձ էր վիճակվել կանգնել այդ նույն տեղերում, նույնիսկ ոչ նույն, մենք շղթայագամ էինք ու խայտառակված, բոլորը մեզնից հեռու էին մնում, բոլորը մեզնից նույնիսկ ասես վախենում էին, ամեն անգամ ողորմություն էին աալիս մեզ և, հիշում եմ, դա նույնիսկ հաճելի էր ինձ, մի նրբին, առանձնահատուկ վայելում էի զգում այդ տարօրինակ հաճույքից։ «Թող լինի, եթե այդպես է»,— մտածում էի։ Կալանավորներն աղոթում էին շատ ջերմեռանդորեն, յուրաքանչյուրն ամեն անգամ իր վերջին կոպեկներն էր բերում եկեղեցի՝ մոմ առնելու կամ գանձանակ գցելու համար։ «Ախր, ես էլ եմ մարդ»,— գուցեև մտմտում կամ զգում էր նա, մատուցելով,— Աստծո առաջ բոլորը հավասար են...»։ Հաղորդվում էինք վաղ առավոտյան։ Երբ վանականը, գավաթը ձեռքին, կարդում էր. «... բայց հանց ավազակ ընդունեսցե», համարյա բոլորն ընկնում էին ցած, զնգզնգացնելով կալանդները, կարծում եմ, այդ բառերը տառացիորեն ընդունելով իրենց հաշվին։
Ահա եկավ նաև զատկի շաբաթը։ Ղեկավարությունը մեզ բաժին հանեց մեկական հավկիթ և մի կտոր ցորենի կաթնահունց հաց։ Քաղաքից կրկին բանտը լցրին ողորմություններով։ Նորից մեզ մոտ եկավ խաչը ձեռքին վանականը, նորից՝ ղեկավարությունը, նորից՝ յուղալի շչի, նորից՝ հարբեցողություն և ճոճք, ամեն ինչ նույն նույնն, ինչ Ծննդյան տոներին, այն տարբերությամբ, որ հիմա կարելի էր ման գալ բանտի բակում և տաքանալ արևի տակ։ Մի տեսակ ավելի լուսավոր էր, ավելի արձակ, քան ձմռանը, սակայն ավելի տրտմալի։ Ամռան երկար, անվերջանալի օրը մի տեսակ հատկապես անտանելի էր դառնում տոներին։ Սովորական օրերին ծայրահեղ դեպքում կրճատվում էր աշխատանքով։
Ամառային աշխատանքներն, իրոք, շատ ավելի դժվարին էին ձմեռայինից։ Ավելի շատ գործ էր լինում ինժեներական կառույցների վրա։ Կալանավորները կառուցում էին, հող փորում, աղյուսի պատեր կանգնեցնում, մյուսները զբաղված էին փականագործական, ատաղձագործական կամ ներկարարական աշխատանքներով՝ պետական շենքերի նորոգման և հարդարման վրա։ Մյուսները գնում էին գործարան՝ աղյուս կտրելու։ Այդ հերթինն ամենածանր գործն էր համարվում մեզ մոտ։ Աղյուսի գործարանը գտնվում էր ամրոցից երեք կամ չորս վերստ հեռու։ Ամեն առավոտ, ամբողջ ամռան ընթացքում, կալանավորների մի ամբողջ խումբ՝ հիսուն հոգի, գնում էին աղյուս կտրելու։ Այդ աշխատանքի համար ընտրում էին սևագործների, այն է՝ ոչ արհեստավորների, ոչ որևիցե արհեստ ունեցողների։ Նրանք իրենց հետ հաց էին վերցնում, քանի որ տեղի հեռավորությունից շահեկան չէր տուն գալ՝ ճաշելու, այդպիսով, ավելի ութը վերստ քայլելու, և ճաշում էին արդեն երեկոյան՝ ետ գալով բանտ։ Կետարքը տրվում էր ամբողջ օրվա համար, և այնպիսի, որ աշխատանքային մի ամբողջ օր կալանվորը կարողանար կատարել։ Նախ, հարկ էր քանդել ու կրել կավը, ջուր բերել, կավափոսի մեջ ոտքերով տրորել կավը և վերջապես, դրանից ահագին աղյուս կտրել, կարծեմ երկու հարյուր, նաև համարյա երկու հարյուր հիսուն հատ։ Ես երկու անգամ միայն գնացի գործարան։ Այդտեղ գնացողները ետ էին գալիս արդեն երեկոյան՝ հոգնած, տանջված, և մշտապես ամբողջ ամառ կշտամբում մյուսներին, որ իրենք ամենածանր գործն են անում։ Կարծես, սփոփանք լիներ դա նրանց համար։ Չնայած դրան, ոմանք այնտեղ էին գնում նույնիսկ հաճույքով. նախ, գործը քաղաքից դուրս էր, տեղը՝ բաց, ազատ, Իրտիշի ափին։ Համենայն դեպս, չորս դին նայելն ավելի բերկրալի էր, բանտային անձուկը չէր։ Կարելի էր նաև ազատ ծխել և նույնիսկ մի կես ժամ պառկել մեծ հաճույքով։ Իսկ ես կամ արհեստանոց էի գնում՝ նախկինի պես, կամ՝ ալաբաստր մանրելու և ի վերջո, աղյուս կրող կարգվեցի շինարարություններում։ Վերջին դեպքում, մի անգամ եղավ այնպես, որ աղյուս կրեցի Իրտիշի ափից՝ կառուցվող բանտասենյակ, յոթանասունն սաժեն տարածությամբ, ամրոցի հողաթմբի վրայով, և այդ աշխատանքը տևեց լրիվ երկու ամիս։ Ինձ դա նույնիսկ գուր եկավ, թեև պարանը, որով աղյուսն էի շալակում, մշտապ ես հարում էր ուսերս։ Սակայն ինձ դուր էր գալիս, որ աշխատանքից նկատելի ուժ է ավելանում իմ մեջ։ Սկզբում կարող էի շալակել միայն ութական աղյուս, ամեն աղյուսը՝ տասներկու ֆունտ։ Բայց հետո հասա տասներկու և տասնհինգ աղյուսի, և դա ինձ շատ ուրախացրեց։ Տաժանավայրում ֆիզիկական ուժը պետք է ոչ պակաս բարոյականից՝ այդ նզովյալ կյանքի նյութական բոլոր զրկանքներին դիմանալու համար։
Իսկ ես ուզում էի ապրել, բանտից հետո էլ։
Իմիջիայլոց, ես սիրում էի աղյուս կրել ոչ միայն որ այդ աշխատանքից ամրանում էր մարմինս, այլև որ գործը կատարվում էր Իրտիշի ափին։ Այդքան հաճախ խոսում եմ այդ ափի մասին, որովհետև միայն այդտեղից էր երևում Աստծո աշխարհը, ջինջ ու հստակ հեռաստանը չբնակեցված, արձակ տափաստանները, որոնք տարօրինակ տպավորություն էին թողնում իրենց ամայությամբ։ Միայն ափին կարելի էր կանգնել՝ թիկունքն արած բերդին և չտեսնել բերդը։ Սեր աշխատանքի մյուս տեղերում, դրանք կամ ամրոցի մեջ էին, կամ մոտերքում։ Ամենաառաջին իսկ օրերից ես ատեցի այդ բերդը և հատկապես՝ որոշ շինություններ։ Մեր պլաց֊մայորի տունն ինձ թվում էր մի տեսակ նզովյալ, գարշելի տեղ, և ամեն անգամ ատելությամբ էի նայում մոտով անցնելիս։ Իսկ գետափին կարելի էր ցրվել, մեկ֊մեկ նայում էի այդ անծայրածիր, ամայի լայնարձակությանը, ճիշտ ինչպես բանաարկյալն իր բանտի լուսամուտիկից է նայում ազատությանը։ Ինձ համար այստեղ ամեն ինչ թանկ էր ու սիրելի. թե՛ վառ ու պայծառ արևը՝ երկնի անհուն կապույտում, թե ղըրղըզի հեռավոր երգը, որ գալիս էր ղըրղըզական ափից։ Երկար ժամանակ կնստեիր ու վերջապես կնշմարեիր մի որևէ բայղուշի խղճուկ, ծխահարված յուրտը, կզանազանեիր ծխի շիթը՝ յուրտի մոտ, ղըրղըզուհուն, որը կբնբնար իր երկու ոչխարի հետ։ Այդ ամենն աղքատիկ էր ու վայրի, սակայն աղատ։ Ինչ֊որ թռչուն կտեսնեիր կապույտ, թափանցիկ օդում ու երկար, համառորեն կհետևեիր թռիչքին. ահա թաթախվեց ջրով, ահա չքացավ կապույտի մեջ, ահա նորից հայտնվեց որպես հազիվ ցոլցլացող կետ... Անգամ աննշան, թոշնած ու պստիկ ծաղիկը, որ վաղ գարնանը գտա քարքարոտ ափի ծերպերում, դա էլ մի տեսակ հիվանդագին գամեց իմ ուշադրությունը։ Տաժանակրության առաջին այդ տարվա տրտմությունն անտանելի էր և բորբոքիչ, դառնագին էր ներգործում վրաս։ Առաջին տարին այդ իսկ տրտմությունից շատ բան չէի նկատում շուրջս։ Փակում էի աչքերս ու չէի կամենում զննել։ Իմ չարացած, ատելի տաժանապարտ֊ընկերների մեջ չէի նկատում լավ մարդկանց, մտածելու և զգալու ընդունակ մարդկանց, չնայած նողկալի ամբողջ կեղևին, որով արտաքուստ պարուրված էին նրանք։ Թունալի բառերի արանքում երբեք չէի նկատում բարեհամբույր, սիրալիր խոսքը, որն առավել թանկագին էր ինձ, քանի որ ասվում էր առանց որևէ ակնկալության, հաճախ էլ բխած ուղղակի հոգուց, որ թերևս առավել էր տառապած ու շատ բան կրած, քան իմը։ Սակայն ի՞նչ միտք ունի ծավալվել այդ մասին։ Չափազանց ուրախ էի լինում, երբ շատ հոգնած էի լինում, տուն դառնալիս գուցեև՝ քնեմ։ Քանի որ ամռանը մեզ մոտ քուն մտնելը տանջանք էր, համարյա շատ ավելի վատ, քան ձմռանը։ Ճիշտ է, մեկ֊մեկ շատ լավ երեկոներ էին լինում։ Ամբողջ օրը բանտի բակից չհեռացած արևը վերջապես մայր էր մտնում։ Զով էր իջնում, դրանից հետո՝ համարյա ցուրտ (համեմատաբար) տափաստանային գիշեր։ Կալանավորները, սպասելով մինչ կփակեն իրենց, խումբ֊խումբ զբոսնում էին բակում։ Ամենամեծ խումբն, ինչ խոսք, ավելի շատ խռնվում էր խոհանոցում։ Այնտեղ մշտապես մի որևէ բանտային կենսական հարց էր բարձրացվում, խոսում էին դեսից֊դենից, երբեմն որևիցե լուր քննարկում, հաճախ՝ անհեթեթ, սակայն մարդկանց աշխարհից մեկուսացվածների արտասովոր ուշադրությունը բորբոքող։ Ասենք, մեկ էլ լուր հասավ, թե մեր պլաց֊մայոր ին դուրս են վռնդում։ Կալանավորները դյուրահավատ են երեխաների պես, իրենք էլ գիտեին, որ լուրը փչոց է, որ դա բերել է հայտնի շաղակրատ ու «անճոռնի» մի մարդ՝ կալանավոր Կվասովը, ում արդեն վաղուց որոշել էին չհավատալ, և որն ամեն խոսքի հետ կստեր, այնինչ, բոլորը կկառչեին լուրից, կդատեին, ծանրութեթև կանեին, իրենք իրենց կվճռեին ու կավարտվեր նրանով, որ իրենք իրենց վրա կբարկանային, իրենք իրենցից կամաչեին, որ հավատացել են Կվասովին։
― Էդ ո՞վ կարա նրան հանի,— բղավեց մեկը,— վիզը հաստ, կպրծնի։
― Ախր, վայ թե նրա գլխին էլ մեծ կա,— առարկեց մյուսը, տաքարյուն ու անխելք մեկը, գլխովը շատ բան անցած, բայց վիճաբանող, որպիսին աշխարհը չէր տեսել։
― Շունը չան թաթ չի կծի,— խոժոռված, ասես ինքն իր համար, նշեց երրորդը՝ արդեն ալեհեր, անկյունում մենակ նստած, իր շչին խպշտելով։
― Էդ մեծերն էլ վայ թե գալու են, քեզնից հարցնեն՝ փոխեն, թե չփոխեն,— անտարբեր ավելացրեց չորրորդը, կամացուկ ծլնգացնելով բալալայկան։
― Էդ ինչի՞ չէ որ ինձնից,— կատաղած առարկեց երկրորդը։— Ուրեմս, լրիվ չքավորությունս խնդրում է, լրիվդ էլ կասեք, թե որ սկսեն հարցաքննել։ Թե չէ՝ մեզ մոտ կգոռան, կճվան, հենց բանը հասավ գործին, հետ կքաշվեն։
― Բա ի՞նչ կուզեիր,— ասաց բալալայկա ծլնգացնողը։— Դրա համար էլ բանտ կասեն։
― Էն մեկել օրը,— ասածը չլսելով, շարունակեց տաքացած վիճաբանողը,— մի քիչ ալուր էր մնացել։ Քերողներն էին հավաքել, իսկը արցունքի չափ, ուրեմըս, ուղարկին ծախելու։ Չէ, իմացավ, արտելականն էր մատնել, խլեցին, խնահողություն է, ուրեմըս։ Արդա՞ր է, թե չէ։
― Էդ դու ո՞ւմն ես ուզում բողոքես։
― Ում։ Հենց իրեն՝ տերահսկիչին, որ գալիս է։
― Էդ ի՞նչ տերահսկիչ է։
― Էդ մեկը դրուստ է, ախպրտիք, որ տերահսկիչ է գալիս,— ասաց մի ջահել, ճարպիկ տղա, գրագետ էր՝ գրագիրներից ու «Հերցոգուհի Լավալյեր» կամ դրա նման մի բան կարդացած։ Մշաապես ուրախ էր և զվարճասեր, սակայն գործերից որոշ բան գիտենալու և ընկած֊ելածության համար հարգում էին նրան։ Ուշադրություն չդարձնելով ապագա վերահսկիչի շուրջ համրնդհանուր բորբոքուն հետաքրքրասիրությանը, նա գնաց խոհարարի մոտ և հարցրեց՝ թոք ունի՞։ Մեր եփութափ անողները հաճախ էին նմանօրինակ բաներ ծախում։ Ասենք, իրենց փողով մի մեծ կտոր թոք կգնեին, կտապակեին և մանր կտորներով կծախեին կալանավորներին։
― Մի՞, թե երկու գռոշի,― հարցրեց խոհարարը։
― Երկուսի կտրի, թող մարդիկ նախանձեն։— Գեներալ, ախպերներ, մի էնպիսի գեներալ է գալիս Պետերբուրգից, լրիվ Սիբիրը նայելու է։ Հաստատ բան է։ Պարետատանն էին խոսում։
Լուրն արտակարգ հուզմունք հարուցեց։ Քառորդ ժամի չափ հարցուփորձ էր գնում. ո՞վ է հատկապես, ի՞նչ գեներալ է, ի՞նչ աստիճան ունի և ավա՞գ է, արդյոք, այստեղի գեներալներից։ Կալանավորներն անչափ սիրում էին զրուցել աստիճանների, պետերի մասին, թե ով է ավագ մյուսից, ով ում կարող է ծռել և ով ինքը կծռվի, նույնիսկ վիճում ու կռվշտում էին գեներալների համար և համարյա ծեծկռտուքի հասցրին։ Թվում է, թե ի՞նչ շահ ունեին։ Սակայն գեներալների և ընդհանրապես ղեկավարության հանգամանալի իմացությամբ էր չափվում նաև գիտելիքների, բանիմացության աստիճանը և մարդու նախկին, մինչբանտային նշանակությունը հասարակության մեջ։ Ընդհանրապես, բարձրագույն ղեկավարության մասին խոսակցությունն ամենանրբինն ու կարևորն էր համարվում բանտում։
― Տղերք, ուրեմըս ճշտից էլ ստացվում է, որ գալիս են մայորին փոխելու,— նշեց Կվասովը՝ փոքրամարմին, կարմրամաշկ մարդուկը, տաքարյուն և ծայրաստիճան անհասկացող։ Հենց նա էր առաջինը բերել մայորի մասին լուրը։
― Կաշառքով կպրծնի,― կտրուկ առարկեց մռայլադեմ, ալեհեր կալանավորը, արդեն իր շչին խպշտած֊վերջացրած։
― Առանց էդ էլ կտա,— ասաց մյուսը։— Քի՞չ է գռփել։ Մինչև մեզ մոտ գալը գումարաակի հրամանատար է եղել։ Վերջերս էլ ավագերեցի աղջկա հետ էր ուզում պսակվել։
― Ախր, չպսակվեց՝ դուռը փակեցին, ուրեմըս՝ չունևոր ես։ Նրանից ի՜նչ փեսացու։ Աթոռից վեր կացավ, ու վե՛րջ, պրծա՜վ։ Ունեցած֊չունեցածը զատկից առաջ տարվել է ղումարով։ Ֆեդկան էր ասում։
― Հա՛, մեր տղեն փող ցփնող չի, փող հավաքող էլ չի։
― Է, ախպեր, հրես ես էլ էի կարգված։ Չունևորի համար վատ գործ է կարգվելը, պսակվի, գիշերն էլ՝ կարճ,— նշեց Սկուրատովը, տեղնուտեղը մտնելով խոսակցության մեջ։
― Բա ոնց։ Հենց քո մասին էր խոսքը,— ասաց սանձարձակ ջահելը՝ գրագիրներից։— Դու էլ, Կվասով, ասեմ քեզ, շատ ես ախմախ։ Չլինի՞ կարծում ես, որ էդ տեսակ գեներալին մայորը կկաշառի ու որ էդ տեսակ գեներալը Պետերբուրգից հատուկ կգա, տեղ կհասնի, որ մայորի՞ն ստուգի։ Անխելք ես, տղա, այ թե ինչ կասեմ քեզ։
― Էդ ո՞նց։ Թե որ գեներալ է, ուրեմըս, չի՞ վերցնի,— հոռետեսորեն նշեց հավաքվածներից մեկը։
― Հայտնի բան է, չի վերցնի, թե վերցրեց էլ՝ շատ տռուզ կվերցնի։
― Գիտենք, որ տռուզ, իր աստիճանին բռնող։
― Գեներալը միշտ էլ կվերցնի,— վճռական ասաց Կվասովը։
― Չլինի՞ ինքդ տվել ես,— արհամարհանքով ասաց հանկարծակի ներս մտած Բակլուշինը։ — Ասենք, հազիվ թե գեներալ տեսած կաս։
― Շատ լավ էլ տեսել եմ։
― Սուտ ես ասում։
― Սուտասանն ինքդ ես։
― Տղերք, թե որ տեսել է, հիմի թող ամենքիս առաջ ասի, էդ ի՞նչ գեներալի է ճանաչում։ Հը, ասա, քանի որ ես լրիվ գեներալներին գիտեմ։
― Ես գեներալ Զիբերտին եմ տեսել,— մի տեսակ անվճռական պատասխանեց Կվասովը։
― Զիբե՞րտ։ Էդպիսի գեներալ չկա։ Երևում է, էդ Զիբերտը քեզ հետևից է նայել, կարող է փոխգնդապետ է եղել, դու էլ վախից կարծել ես, թե գեներալ է։
― Չէ, դուք ինձ լսեք,― բղավեց Սկուրատովը,— քանի որ պսակված մարդ եմ։ Էդպիսի գեներալ իսկականից կար Մոսկվայում, Զիլբերտ, գերմանացիներից էր, բայց ռուս։ Ռուս տերտերի մոտ տարին մեկ խոստովանում էր ռուս աղջիկ պարոններից, ու միշտ ջուր էր խմում, տղերք, ոնց որ բադը։ Օրական քսան բաժակ Մոսկվա գետի ջուր կխմեր։ Ասում էին թե էդ ջրով մի տեսակ հիվանդությունից է բուժվում, իրա կամարդինն է ինձ պատմել։
― Փորի մեջ էլ էդ ջրից ձկնե՞ր են լողացել,— ասաց բալալայկայով կալանավորը։
― Դե, հերիք եղավ, բոլ եղավ։ Էստեղ գործից ենք խոսում, դրանք էլ․․․ Էդ ի՞նչ տերահսկիչ է, տղերք,— ասաց ձեռուոտ ընկնող մի կալանավոր՝ Մարտըյնովն էր, ծերուկ, զինվորականներից, նախկին հուսար։
― Համա թե ստեր կասեն, է՜,— խոսեց հոռետեսներից մեկը։— Ու որտեղի՞ց են վերցնում, ինչ դարձնում։ Եղածն էլ՝ լրիվ փչոց։
― Չէ, փչոց չէ,— անառարկելի նշեց Կուլիկովը, որը մինչ այդ լռել էր ծանրումեծ։ Կշիռ ունեցող մեկն էր, հիսունին մոտ, արտակարգ բարետես ու մի տեսակ արհամարհական֊վսեմ շարժուձևով։ Նա գիտակցում էր դա ու հպարտանում դրանով։ Կիսով գնչու էր, անասնաբույժ, քաղաքում փող էր վաստակում ձիեր բուժելով, իսկ բանտում՝ խմիչք վաճառում։ Խելացի էր ու շատ բան տեսած։ Բառերը շաղ կտար, նվեր բաժանելու պես։
― Դա ճիշտուճիշտ է, եղբայրներ,— հանգիստ շարունակեց նա,— դեռ անցյալ շաբաթ եմ լսել, գեներալ է գալիս, շատ կարևորներից է, ամբողջ Սիբիրն է ստուգելու։ Հայտնի բան է, նրան էլ կկաշառեն, մենակ թե՝ ոչ մեր ութաչքանին։ Չի էլ համարձակվի մոտ֊մոտ անել։ Գեներալ էլ կա, գեներալ էլ, եղբայրներ։ Ամեն տեսակ լինում են։ Մենակ թե ասում եմ, որ մեր մայորը, ինչ էլ եղավ, իր տեղում կմնա։ Հաստա՜տ։ Մենք անլեզու ժողովուրդ ենք, իսկ ղեկավարությունից իրենց մարդուն չեն մատնի։ Ստուգողը կնայի բանտը, կթողնի, կգնա և կզեկուցի, որ ամեն բան լավ է գտել...
― Տղերք, ես եմ ասում, մեր մայորը վախեցել է՝ առավոտից խմած է։
― Իրիկունն էլ ուրիշ երգ կասի։ Ֆեդկան էր ասում։
― Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա։ Հո առաջին անգա՞մ չի խմած։
― Չէ, ախր էդ ո՞նց, թե որ գեներալն էլ լավ բան չարեց։ Չէ, բոլ եղավ դրանց ախմախություններին ականջ դնենք,— հուզված, իրար մեջ խոսում էին կալանավորները։
Վերահսկիչի մասին լուրն ակնթարթորեն սփռվեց բանտում։ Բակում թափառում էին մարդիկ ու անհամբերությամբ միմյանց փոխանցում լուրը։ Ոմանք դիտավորյալ լռում էին, պահպանելով իրենց սառնարյունությունը, դրանով ջանալով առավել կարևորություն հաղորդել իրենց։ Մյուսներն անտարբեր էին։ Բանտասենյակների առմուտքերին նստոտել էին կալանավորներն՝ իրենց բալալայկաներով։ Ոմանք շարունակում էին շաղակրատել։ Մյուսները երգեր էին ձգում, բայց ընդհանրապես, այդ երեկո բոլորն արտակարգ բորբոքված վիճակում էին։
Ժամր տասին մոտ բոլորիս հաշվեցին, քշեցին բանտասենյակները և կողպեցին գիշերով։ Գիշերները կարճ էին, արթնացնում էին առավոտյան ժամը հինգին մոտ, իսկ բոլորը քնում էին տասնմեկից ոչ մի կերպ ավելի շուտ։ Մինչև այդ ժամը, դեռևս իրարանցում էր լինում, խոսակցություններ, երբեմն էլ, ձմռան նման, մեյդաններ էին բացվում։ Գիշերն՝ անտանելի տոթ ու հեղձուկ։ Թեև գիշերային զով էր թափանցում բարձրացրած շրջանակով պատուհանից, բայց կալանավորներն ամբողջ գիշեր շուռումուռ էին գալիս թախտաշարերի վրա՝ ասես զառանցանքի մեջ։ Անթիվ֊անհամար լվեր էին վխտում։ Դրանք ձմռանն էլ էին լինում մեզ մոտ, բայց գարնանից սկսած բազմանում էին այնպիսի չափերով, և այդ մասին լսել էի նախկինում, սակայն մաշկիս վրա չզգալով, չէի ուզել հավատալ։ Եվ որքան մոտենում էր ամառն, այնքան ավելի կատաղի էին դառնում։ Ճիշտ է, լվերին կարելի է վարժվել, ինքս եմ զգացել, բայց և այնպես դա շատ ծանր է ձեռք բերվում։ Մեկ֊մեկ այնքան էին տանջվում, որ իվերջո, պառկում ես ճիշտ ինչպես դողէրոցքի պես, և ինքդ ես զգում, որ քնած չես, այլ զառանցանքի մեջ։ Վերջապես, երբ լուսաբացից քիչ առաջ, ի վերջո, հանգստանում են նաև լվերը, ասես սատկում, և երբ վաղորդյան զովի տակ, քաղցր քուն ես մտնում, հանկարծ հնչում է թմբուկի անողորմ զարկը բանտի դարպասի մոտ, և սկսվում է առավոտյան տողանը։ Փաթաթվելով կիսամուշտակի մեջ, անեծքներ տեղալով լսում ես սրտիդ հստակ, բարձր զարկերը, կարծես հաշվում դրանք, այնինչ, քնաթաթախ ուղեղդ մի անտանելի միտք է շաղափում, որ այդպես է լինելու նաև վաղը, մյուս օրը, մի քանի տարի շարունակ, ընդհուպ մինչև ազատվելը։ Եվ մտածում ես, թե երբ է գալու այդ ազատությունը և ո՞ւր է։ Այնինչ, արթնանալ է պետք, սկսվում է առտնին ներսուդուրսը, հրմշտոցը... Մարդիկ հագնվում էին, շտապում աշխատանքի։ Ճիշտ է, մի ժամվա չափ կարելի է քնել և կեսօրին։
Վերահսկիչի մասին ճիշտ էին ասել։ Լուրերն օրըստօրե ավելի ու ավելի էին հաստատվում, և վերջապես բոլորն իմացան արդեն հաստատ, որ Պետերբուրդից գալիս է մի շատ կարևոր մի գեներալ՝ վերստուգելու ամբողջ Սիբիրը, որ արդեն եկել է, որ արդեն Տոբոլսկում է։ Ամեն օր նոր լուրեր էին հասնում բանտ։ Լուրեր էին գալիս նաև քաղաքից, ասում էին, որ բոլորը երկյուղում են, բոլորն իրար են անցել, կամենում են լավ կողմով երևալ։ Ասում էին, որ բարձրագույն ղեկավարությունը նախապատրաստում է ընդունելություններ, պարահանդեսներ, տոնախմբություններ։ Կալանավորներին խմբերով ուղարկում էին կարգի բերելու փողոցները և ամրոցները, հարթեցնելու դուղձերը, ներկելու դարպասներն ու սյուները, ծեփծփելու և մաքրելու, մի խոսքով, ուզում էին մի վայրկյանում շտկել ամեն ինչ, ցուցադրելիք ամեն ինչը։ Մերոնք շատ լավ հասկանում էին և ավելի տաք֊տաք ու եռանդագին քննարկում իրար մեջ։ Նրանց երևակայությունը հասնում էր վիթխարի չափերի։ Պատրաստվում էին նույնիսկ հայց ներկայացնել, երբ գերենալը հարցնի պարենային բավարարության մասին։ Այդ ընթացքում վիճում և կռվշտում էին իրար հետ։ Պլաց-մայորը խռովված էր։ Ավելի հաճախ էր գալիս բանտ, ավելի հաճախ գոռգոռում, ավելի հաճախ վրա պրծնում մարդկանց, ավելի հաճախ քշում բոլորին կորդեգարդիա և խստացված հետևում մաքրությանը և բարետեսությանը։ Այդ ժամանակ, ասես դիտավորյալ, բանտում մի փոքր պատմություն եղավ, որն, ի դեպ, ամենևին չհուզեց մայորին, ինչպես հարկ էր սպասել, այլ հակառակը, նույնիսկ հաճույք պատճառեց նրան։ Մի կալանավոր կռվելիս մյուսի կրծքի մեջ բիզ էր խրել, համարյա սրտի տակ։ Հանցանք գործած կալանավորի ազգանունը Լոմով էր, խոցվածին մեզ մոտ Գավրիլկա էին ասում՝ անուղղելի փախչողներից էր։ Չեմ հիշում, ուրիշ մականուն ուներ, թե՝ չէ, մեզ մոտ նրան միշտ Գավրիլկա էին ասում։ Լոմովն ունևոր գյուղացիներից էր, Կ. գավառից։ Բոլոր Լոմովներն ապրում էին ընտանիքով, ծերունի հայրը, երեք որդիները և նրանց հորեղբայրը՝ դարձյալ Լոմով։ Ունևոր մուժիկներ էին։ Նահանգով մեկ խոսում էին, որ մինչև երեք հարյուր հազար կանխիկ կապիտալ ուներ։ Վարուցանք էին անում, կաշի մշակում, առևտուր անում, բայց ավելի շատ զբաղվում վաշխառությամբ, փախստական և գողացված ապրանք թաքցնելով և ուրիշ-ուրիշ խարդախություններով։ Գավառի գյուղացիների մոտ կեսը նրանց պարտք էին, ճորտային վիճակում։ Խելացի ու խորամանկ մուժիկների համբավ ունեին, բայց վերջում շատ մեծամտացան, երբ այն կողմերի մի շատ կարևոր մարդ սկսեց նրանց տանն իջևանել ճանապարհին, ծանոթացավ ծերունու հետ և սիրեց նրան՝ աչքաբացության և ճարպկության համար։ Նրանք մեկեն կարծեցին, թե իրենց վրա այլևս դատ ու դատաստան չկա և սկսեցին ավելի ու ավելի ռիսկաշատ գործեր բռնել զանազան ապօրինի գործարքներում։ Բոլորը տրտնջում էին նրանցից, բոլորը ցանկանում էին, որ գետնի տակն անցնեն նրանք, սակայն Լոմովները շատ ավելի վեր էին տնկում քթները։ Ոստիկանապետերին և ատենակալներին այլևս բանի տեղ չէին դնում։ Ի վերջո, ցնդեցին և կործանվեցին, սակայն ոչ իրենց գեշ ու գաղտնի հանցանքների պատճառով, այլ մի փուչ բանից։ Գյուղից տասը վերստ հեռու մեծ ագարակ ունեին, սիբիրցիները հողակտոր են ասում։ Մի գիշերվա ընթացք այնտեղ վեց ղըրղըզ էր ապրում, վաղուց արդեն ճորտացված։ Մի գիշերվա մեջ այդ բոլորին մորթոտել էին։ Գործ էր բացվել, որը երկար տևեց։ Գործին կից բացահայտվեցին բազմաթիվ այլ գեշ֊գեշ բաներ։ Լոմովներին մեղադրեցին իրենց գործավորներին սպանելու մեջ։ Իրենք այդպես էին պատմում, և ամբողջ բանտը գիտեր դա։ Նրանց կասկածել էին այն բանում, որ չափից շատ պարտք են մնացել գործավորներին, իսկ քանի որ, չնայած մեծ ունեցվածքին, կծծի էին ու անկշտում, ուրեմնև մորթոտել էին դըրղըզներին, որ պարտքերը չտան։ Հետաքննության և դատի ընթացքում նրանց ամբողջ ունեցվածքը հօդս ցնդեց։ Ծերունին մահացավ։ Զավակները դեսուդ են աքսորվեցին։ Տղաներից մեկն ու իր հորեղբայրն ընկան մեր տաժանավայրը՝ տասներկու տարով։ Եվ ի՞նչ։ Նրանք բացարձակապես անմեղ էին ղըրղըզների սպանության մեջ։ Հետագայում հենց մեր բանտն եկավ Գավրիլկան՝ հայտնի մի խարդախ և թափառական, զվարթաբարո և ճարպիկ մեկը, որն այդ ամբողջ գործը վերցրեց իր վրա։ Ի դեպ, ես չեմ լսել, որ խոստովաներ ինքը, սակայն ամբողջ բանտը հաստատապես համոզված էր, որ ղըրղըզները նրա ձեռքի տակով են անցել։ Կարճ ժամկետով էր բանտ եկել, որպես փախած զինվոր ու թափառական։ Ղըրղըզներին նա սպանել էր երեք ուրիշ թափառականների հետ, մտադրվել էին կարգին թալանանել հողակտորում։
Լոմովներին մեզ մոտ չէին սիրում, չգիտեմ ինչ պատճառով։ Նրանցից մեկը խելացի տղա էր, ապրի՛, հաշտ բնավորություն ուներ, սակայն հորեղրայրը, որը Գավրիլկայի կուրծքը բիզ էր խրել, անխելք ու կռվազան մեկն էր։ Շատերի հետ դեռ մինչ այդ էր կռվշտել և կարգին ծեծ կերել։ Գավրիլկային բոլորն էին սիրում ուրախ և մեղմ բնավորության համար։ Լոմովները թեև գիտեին, որ հանցագործ է և որ նրա պատճառով են այստեղ, բայց նրա հետ չէին վիճում, ի դեպ, երբեք էլ մոտ֊մոտ չարեցին, ասենք, նա էլ Լոմովների վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Ու հանկարծ նրա և Լոմովների հորեղբոր միջև վեճ առաջացավ մի նողկալի կնկա համար։ Գավրիլկան սկսել էր պարծենալ կնկա բարեհաճությամբ, մուժիկն սկսեց խանդել ու մի գեղեցիկ օր խոցեց նրան բզով։
Լոմովներբ թեև սնանկացել էին դատի տակ, սակայն բանտում ապրում էին հարուստների պես։ Ըստ երեույթին, փող ունեին։ Իրենց ինքնաեռն ունեին, թեյ էին խմում։ Մեր մայորը գիտեր այդ մասին և չափից ավելի էր ատում զույգ Լոմովներին։ Բոլորի համար ակնհայտորեն կպչում էր նրանցից և ընդհանրապես նեղում։ Լոմովները դա բացատրում էին իրենցից կաշառք վերցնելու մայորի ցանկությամբ։ Սակայն կաշառք չէին տալիս։
Հարկավ, եթե Լոմովը քիչ ավելի խրեր բիզը, կսպաներ Գավրիլկային։ Սակայն բանն ավարտվեց սոսկ մի ճանկռվածքով։ Զեկուցեցին մայորին։ Հիշում եմ, թե ինչպես եկավ վազեվազ, հևասպառ և ըստ երևույթին՝ գոհ։ Զարմանալի հոգածությամբ, ճիշտ կարծես հարազատ որդուն, դիմեց Գավրիլկային.
― Ինչ է, հոգիս, կարո՞ղ ես հոսպիտալ հասնել, թե չէ։ Չէ, ավելի լավ է ձի լծենք քեզ համար։ Հենց հիմա ձին լծեք,― փութով բղավեց նա են թասպայի վրա։
― Ձերդ բարեծնություն, ախր ես ոչինչ չեմ զգում։ Մենակ մի թեթև ծակել է, ձերդ բարեծնություն։
― Դու չգիտես, սիրելիս, չգիտես։ Այ, կտեսնես... Տեղն է վտանգավոր, ամեն բան տեղից է կախված, ճիշտ սրտի տակ է խրել ավազակը։ Ես քեզ, ես քեզ,— թնդաց նա, դառնալով Լոմովին,— դե, հիմա ձեռս ընկար... Կորդեգարդիա՜։
Եվ իսկապես, ձեռքիդ բաց չթողեց։ Լոմովին դատեցին, ու թեև վերքը թեթև ծակոց էր, բայց դիտավորությունն ակնհայտ։ Հանցագործին ավելացրին աշխատանքային ժամկետը և անցկացրին հազար մահակածեծի միջով։ Մայորը կատարելապես գոհ էր...
Վերջապես, եկավ֊տեղ հասավ նաև վերահսկիչը։
Քաղաք հասնելու հաջորդ իսկ օրը նա եկավ մեր բանտ։ Տոն օրով էր։ Դեռևս մի քանի օր առաջ մեզ մոտ ամեն ինչ լվացված էր, հարթեցված, լպստած։ Կալանավորներին սափրել էին նորից։ Հագուստը սպիտակ էր, մաքուր։ Ամռանն, ըստ կարգի, բոլորը հագնում էին քաթանե սպիտակ բաճկոն ու շալվար։ Յուրաքանչյուրի մեջքին սև շրջանակ էր վրակարված, երկու վերշոկ տրամագծով։ Կալանավորներին մեկ լրիվ ժամ սովորեցնում էին ինչպես պատասխանել, եթե բաձրաստիճան անձը բարևեր։ Փորձեր էին արվում։ Մայորն իրարանցման մեջ էր՝ կրակվածի պես։ Գեներալի հայտնվելուց մեկ ժամ առաջ բոլորը կանգնած էին իրենց տեղերում, արձանների պես ձեռքերը կողքերին ձգած։ Վերջապես, ցերեկվա մեկին եկավ գեներալը։ Ծանրակշիռ գեներալ էր, այնքան ծանրումեծ, որ թվում էր, թե ղեկավարական բոլոր սրտերը պիտի ճաքեին համայն Արևմտյան Սիբիրում՝ նրա գալստյամբ։ Ներս մտավ խստադեմ ու վեհապանծ, նրա ետևից խռնվեցին տեղական ղեկավարության ուղեկցող մեծ շքախումբը, մի քանի գեներալ, գնդապետներ։ Քաղաքացիական հագուստով մեկն էլ կար՝ բարձրահասակ, գեղեցկադեմ պարոն էր, ֆրակով և փայլուն կոշիկներով, որ նույնպես Պետերբուրգից էր եկել և արտակարգ անմիջական ու անկեղծ էր պահում իրեն։ Գեներալը հաճախ էր դիմում նրան, այն էլ արտակարգ բարեկրթորեն։ Դա անչափ հետաքրքեց կալանավորներին, քաղաքացիական զգեստով է, բայց ի՜նչ հարգանք և ինչպիսի՜ գեներալի կողմից։ Հետագայում իմացանք նրա ազդանունը և թե ով է, բայց խոսք ու զրույցը շատ էր։ Մեր մայորը՝ ձգված, նարնջագույն օձիքով, աչքերն արնակոխ, բոսորագույն, բշտիկներով ծածկված դեմքով, կարծես թե առանձնապես հաճելի տպավորություն չգործեց գեներալի վրա։ Բարձրաստիճան այցելուի հանդեպ առանձնահատուկ հարգանքից առանց ակնոց էր։ Կանգնած էր հեռվում, լարի պես ձգված, և իր համակ էությամբ տենդագին սպասում էր ինչ֊որ բանով հարկավոր լինելու պահին, որ նետվի կատարելու նորին բարձր գերազանցության ցանկությունը։ Բայց ոչինչի պետք չեկավ։ Գեներալը լուռ շրջեց բանտասենյակներում, թեթևակի անցավ խոհանոցով, կարծեմ շչի փորձեց։ Նրան ցույց տվին ինձ. այսպես, ալսպես, ազնվականներից է։
― Աա՜,— պատասխանեց գեներալը։— Իսկ ինչպե՞ս է հիմա պահում իրեն։
― Առայժմ բավարար, ձերդ գերազանցություն,— պատասխանեցի նրան։
Գեներալը թափ տվեց գլուխը և երկու րոպե անց ելավ բանտից։ Կալանավորներն, իհարկե, կուրացած էին և մտահոգված, այդուամենայնիվ, որոշ տարակուսանքի մեջ էին։ Մայորի հանդեպ ունեցած և ոչ մի հայց ու պահանջի մասին, հարկավ, խոսք անգամ չէր կարող լինել։ Ասենք, մայորն էլ դրանում կատարելապես համոզված էր դեռես ավելի շուտ։
=== VI։ Տաժանավայրի կենդանիները ===
Աշխետ ձիու գնումը, որ շուտով կատարվեց բանտում, շատ ավելի հաճելիորեն գրավեց ու զբաղեզրեց կալանավորներին, քան մեծապաշտոնի այցը։ Մեզ մոտ, բանտում, նախատեսված էր ձի՝ ջուր բերելու, աղբը տանելու համար և այլն։ Խնամելու համար կալանավոր էր առանձնացված։ Նա էլ հենց քշում էր ձին, իհարկե, հսկողության տակ։ Մեր ձիու համար աշխատանք շատ ու շատ կար թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան։ Աշխատը մեզ մոտ շատ վաղուց արդեն ծառայում էր։ Բարի կենդանի էր, սակայն կարգին հյուծված։ Մի գեղեցիկ առավոտ, հենց Պետրով տոն օրից առաջ, երեկոյան ջրի տակառը բերելիս, Աշխատն ընկավ և մի քանի րոպեում շունչը փչեց։ Նրան խղճացին, բոլորը շրջապատել, խոսում էին, վիճում։ Մեզ մոտ գտնվող պաշտոնաթող հեծելազորայինները, գնչուները, անասնաբույժները և ուրիշներ դրսևորեցին նույնիսկ բազում հատուկ գիտելիքներ՝ ձիերի վերաբերյալ, անգամ կռվշտեցին, սակայն Աշխատը չկենդանացավ։ Փռված էր անշունչ, ուռած փորով, որը բոլորը պարտք էին համարում մատով հուպ տալ։ Մայորին զեկուցեցին Աստծո կամոք կատարվածի մասին, և նա վճռեց, որ անհապաղ նոր ձի գնվի։ Հնեց տոնի օրը, առավոտյան, ժամերգությունից հետո, երբ մեզ մոտ բոլորը ներկա էին, սկսեցին վաճառվող ձիեր բերել։ Ինքստինքյան հասկանալի է, որ ձիու գնումը հարկ էր հանձնարարել իրենց՝ կալանավորներին։ Իսկապես գիտակներ կային մեզ մոտ, և խաբել երկու հարյուր հիսուն հոգու, որոնք նախկինում հենց միայն դրանով էին զբաղվել, դժվար էր։ Եկան ղըրղըզներ, ձիավաճառներ, գնչուներ, քաղքենիներ։ Կալանավորներն անհամբեր սպասում էին ամեն նոր ձիու հայտնվելուն։ Ուրախացել էին երեխաների պես։ Ամենից շատ նրանց շոյում էր, որ իրենք ևս ահա, ճիշտ ասես ազատ մարդիկ, ասես իսկապես ''իրենց'' գրպանից ձի են դնում ''իրենց'' համար և կատարյալ իրավունքն ունեն գնելու։ Երեք ձի բերեցին ու տարան, մինչ գործը վերջացրին չորրորդի վրա։ Բանտ մտած ձիավաճառները որոշակի զարմանքով և կարծես երկյուղով էին զննում չորսդին և նույնիսկ մեկ֊մեկ ետ նայում իրենց ներս բերած զինվորներին։ Նման մարդկանց երկու հարյուրանոց ամբոխը, գլուխներն ածիլված, խարանակիր, շղթայակապ և իրենց իսկ տանը, իրենց տաժանակրային բնում, որի շեմը ոչ ոք չէր անցնում, յուրօրինակ հարգանք էր հարուցում։ Իսկ մերոնք զանազան հնարքներ էին շռայլում, ներս բերված ամեն մի ձին փորձելիս։ Ինչ֊ինչ տեղեր ասես չզննեցին, ինչ տեղեր ասես չշոշափեցին, գումարած նաև այնպիսի գործնական, այնքան լուրջ ու հոգսաշատ տեսքով, ասես դրանից էր կախված բանտի գլխավոր բարեկեցությունը։ Չերքեզները նույնիսկ ցատկով հեծնում էին ձին, նրանց աչքերը կրակվում էին և արագ֊արագ խոսում էին իրենց անհասկանալի խոսվածքով, շողացնելով իրենց ճերմակ ատամները, թափահարելով իրենց թուխ, արծվաքիթ դեմքերը։ Մեկնումեկը ռուսներից համակ ուշադրությամբ կգամվեր նրանց վեճին, ասես ուզելով քիթը մտնել։ Խոսքերը չէր հասկանում, ուստի կամենում էր աչքերի արտահայտությունից կռահել, թե ինչ որոշեցին, ձին լավն է, թե ոչ։ Կողմնակի որևէ դիտողի նույնիսկ տարօրինակ կթվար այդ տենդոտ ուշադրությունը։ Կթվար, թե որևիցե կալանավոր ի՜նչ ուներ առանձնապես հոգալու, և մեկ ուրիշը՝ ինքնամփոփ, սուսուփուս, խեղճացած, որն իր որոշ բախտակիցների առաջ ծպտալ իսկ չէր համարձակվի։ Ճիշտ կարծես իր համար էր ձի գնում, ճիշտ կարծես իրապես միևնույնը չէր, թե որ մեկը կգտնեն։ Չերքեզներից բացի, առավելապես աչքի ընկան նախկին գնչուներն ու ձիավաճառները. նրանց էին զիջել թե՛ առաջին տեղը, թե՛ առաջին խոսքը։ Այստեղ նույնիսկ որոշ առումով պատվական մի մենամարտ էլ եղավ երկու հոգու միջև. կալանավոր Կուլիկովի՝ նախկին գնչուի, ձիագողի, ձիավաճառի և ինքնուս անասնաբույժի միջև, որը սիբիրցի խորամանկ մուժիկ էր, վերջերս բանտ եկած և արդեն հասցրած Կուլիկովից խլել քաղաքի նրա բոլոր հաճախորդներին։ Բանն այն է, որ մեր բանտային ինքնուս-անասնաբույժներին ըստ ամենայնի գնահատում էին ամբողջ քաղաքում, և ոչ միայն քաղքենիները կամ վաճառականները, այլև ամենաբարձր աստիճանավորներն էին դիմում բանտ, երբ հիվանդանում էին նրանց ձիերը, թեև քաղաքում մի քանի իսկական անասնաբույժ կար։ Մինչ սիբիրցի մուժիկ Յոլկինի գալը, Կուլիկովն անմրցակից էր, մեծ պրակտիկա ուներ և, իհարկե, դրամական վարձատրություն էր ստանում։ Նա սաստիկ խաբեբայություն, շառլատանություն էր անում և շատ ավելի քիչ գիտեր, քան երևցնում էր։ Ըստ եկամուտների, նա արիստոկրատ էր մերոնց միջև։ Ընկած֊ելածությամբ, խելքով, համարձակությամբ և վճռականությամբ նա վաղուց ամբողջ բանտի կալանավորների ակամա հարգանքն էր հարուցել։ Մեզ մոտ նրան լսում էին, հպատակվում։ Սակայն քիչ էր խոսում, շնորհ անելու պես էր խոսում, այն էլ ամենակարևոր դեպքերում։ Կատարյալ ցուցամոլ էր, սակայն իրական, իսկական եռանդը շատ էր։ Արդեն տարիքով էր թեև, բայց շատ գեղեցկատես, շատ խելացի։ Մեզ՝ ազնվականներիս հետ վարվում էր մի տեսակ նրբին բարեկրթությամբ և միաժամանակ արտասովոր արժանապատվությամբ։ Ես կարծում եմ, որ եթե հագցնեիր նրան և որպես այսինչ֊այնինչ կոմս տանեիր որևիցե մայրաքաղաքային ակումբ, ապա այնտեղ էլ չէր կորցնի իրեն, վիստ կխաղար, գերազանց կխոսեր՝ քիչ, բայց ծանրակշիռ, և ամբողջ երեկո չէին հասկանա, որ կոմս չէ, այլ թափառաշրջիկ։ Լուրջ եմ ասում, այնքան խելացի էր, աչքաբաց և արագ հասկացող։ Բացի դրանից, շարժուձևն էլ էր հիանալի, պճնամոլական։ Պետք է որ կյանքում գլխովը շատ բան անցած լիներ։ Ի դեպ, նրա անցյալը քողարկված էր անհայտության խավարով։ Մեզ մոտ նա ապրում էր հատուկ բաժանմունքում։ Սակայն Յոլկինի՝ թեև մուժիկ, բայց խորամանկագույն մուժիկի, հիսնամյա հնածիսականի գալուց հետո, Կուլիկովի անասնաբուժական փառքը խամրեց։ Մեկ֊երկու ամսվա ընթացքում Յոլկինը նրանից խլեց համարյա ամբողջ քաղաքային պրակտիկան։ Նա բուժում էր և շատ հեշտ, այնպիսի ձիերի, որոնցից Կուլիկովը վաղուց մինչ այդ հրաժարվել էր։ Նա բուժում էր այնպիսի ձիերի նույնիսկ, որոնցից հրաժարվում էին քաղաքի անասնաբույժները։ Փոքրամարմին այդ մուժիկը, ի թիվս այլոց, եկել էր դրամանենգության մեղադրանքով։ Պե՞տք էր նրան այդ տարիքում մտնել գործի մեջ, որպես փայատեր։ Իսկ ինքը, ծիծաղելով իր վրա, պատմում էր, որ երեք իսկական ոսկեդրամներից միայն մեկ կեղծն էին ստացել։ Կուլիկովը փոքր֊ինչ վիրավորված էր նրա անասնաբուժական հաջողություններից, նույնիսկ համբավը կալանավորների մեջ սկսեց խամրել։ Նա սիրուհի էր պահում Ֆորշտադտում, շրջում պլիսե անթև բաճկոնով, արծաթե մատանի էր կրում, ականջօղ, ու սեփական, եզրակարերով սապոգ հագնում, և հանկարծ, եկամուտ չունենալով, հարկադրված էր օղեվաճառ դառնալ, ուստի և բոլորը սպասում էին, որ նոր Աշխատը գնելիս, ախոյանները, մեկ էլ տեսար, կկռվեն էլ։ Սպասում էին հետաքրքրված։ Երկուսն էլ իրենց համախոհներն ունեին։ Երկու խմբակցությունների առաջատարներն արդեն սկսել էին հուզվել և քիչումիչ հայհոյանք փոխանակել։ Յոլկինն այն է, պիտի սարկազմով լի ժպիտով կնճռոտեր խորամանկ դեմքր։ Բայց ուրիշ բան ստացվեց։ Կուլիկովի մտքով էլ չանցավ կռվշտել, բայց առանց հայհոյանքի էլ վարվեց վարպետորեն։ Սկսեց զիջողությամբ, անգամ հարգանքով ականջ դրեց իր ախոյանի քննադատական կարծիքներին, սակայն բռնացնելով մի խոսքի վրա, համեստաբար և համառորեն դիտել տվեց, որ դիմացինը սխալվում է, և մինչ Յոլկինը հասցրեց ուշքի գալ ու վերապահում անել, ապացուցեց, որ Յոլկինը սխալվում է այս-այս և այս-այս հարցերում։ Մի խոսքով, Յոլկինը չափազանց անսպասելի և վարպետորեն խոցվեց, ու թեև այդուհանդերձ, շահածն ինքն էր, կուլիկովյան խումբը գոհացավ։
― Չէ, ախպեր, երևում է նրան էդքան շուտ գցել չիլնի, ինքն իրեն պաշտպան կկանգնի, բա ո՜նց,— ասում էին ոմանք։
― Յոլկինն ավելի շատ բան գիտի,— ասում էին մյուսները, բայց մի տեսակ զիջողաբար էին նշում։ Համախոհների երկու խմբերը նույնպես սկսեցին իրար հետ խոսել արտակարգ զիջողությամբ։
― Ոչ թե գիտի, ձեռն է թեթե։ Բայց անասունի հարցում Կուլիկովը խեղճացող չի։
― Խեղճացող չի տղեն։
― Չի խեղճանա...
Նոր Աշխատին վերջապես ընտրեցին ու գնեցին։ Փառավոր ձիուկ էր, ջահել, սիրունիկ, պնդակազմ, չափազանց դուրեկան, զվարթ տեսքով։ Ինքնստինքյան, մյուս բոլոր հանգամանքներով անթերի ձի էր։ Սկսեցին առետուրը. երեսուն ռուբլի ուզեցին, մերոնք քսանհինգ էին տալիս։ Երկար ու տաք առևտուր էր գնում, իջեցնում էին, զիջում։ Ի վերջո, իրենց համար էլ ծիծաղելի դարձավ։
― Էդ ինչ է, փողը քսակի՞ցդ ես տալու,— ասում էին ոմանք։— Առուտուրի պետք կա՞։
― Գանձատո՞ւնն ես խնայում,— բղավում էին մյուսները։
― Ախր, տղերք, ախր, էդ փողն արտելական է, ընդհանուրինս...
― Արտելակա՜ն։ Չէ, երևում է մեր պես ախմախներին չեն ցանում, ինքներս ենք բսնում...
Վերջապես, քսանութ ռուբլով վաճառքը կայացավ։ Զեկուցեցին մայորին և գնումը վճռվեց։ Հարկավ, տեղնուտեղը բերեցին աղ ու հացը, և նոր Աշխատին պատվով մտցրին բանտ։ Կարծում եմ, չեղավ մի կալանավոր, որն այդ դեպքում չթփթփացներ ձիու վիզը կամ չշոյեր մռութը։ Նույն օրը լծեցին Աշխատին ջուր կրելու, և բոլորը հետաքրքրությամբ հետևում էին, թե նոր Աշխատն ինչպես է քաշելու տակառը։ Մեր ջրկիր Ռոմանը նոր ձիու վրա անսովոր ինքնագոհ տեսք ուներ։ Հիսուն տարեկան, քչախոս և պատկառելի բնավորության տեր մուժիկ էր։ Ասենք, բոլոր ռուս կառապանները չափաղանց պատկառելի և նույնիսկ սակավախոս բնավորություն ունեն, կարծես իրոք ճշմարիտ է, որ ձիերի հետ մշտական հաղորդակցումը մարդուն մի տեսակ պատկառելիություն և անգամ ծանրումեծություն է հաղորդում։ Ռոմանը մեղմ, բոլորի հետ սիրալիր, խոսել չսիրող մարդ էր, քթախոտ էր լցնում քիթն իր եղջյուրիկից և մշտապես, անհիշելի ժամանակներից զբաղվում էր բանտային Աշխատներով։ Նոր գնվածն արդեն երրորդն էր։ Մեզ մոտ բոլորը վստահ էին, որ բանտին լավ է գալիս աշխետ տեսակը, որ կարծես դա բարիք է բերում ''տանը''։ Այդպես էր պնդում նաև Ռոմանը։ Օրինակ, խայտախարիվ տեսակի ձի երբեք չէին գնի։ Ջրկիրի տեղը մշտապես, ինչ֊ինչ իրավունքով, հավերժորեն Ռոմանինն էր, և մեզ մոտ ոչ ոք ու երբեք մտքով չէր անցկացրել վիճարկել նրա այդ իրավունքը։ Երբ չունչը փչեց նախկին Աշխատը, ոչ ոքի, նույնիսկ մայորի մտքով չանցավ ինչ֊որ բանում մեղադրել Ռոմանին, Աստծո կամքն էր, ուրիշ ոչինչ, իսկ Ռոմանը լավ կառապան է։ Աշխատը շուտով դարձավ բանտի սիրելին։ Կալանավորները թեև խստաբարո մարդիկ են, բայց հաճախ մոտենում էին ձիուն՝ շոյելու։ Մեկ֊մեկ Ռոմանը, գետից դառնալիս, կկողպեր ենթասպայի բացած դարպասը, իսկ Աշխատը՝ բանտ մտնելով իր տակառով, կսպասեր նրան, գլուխը ետ թեքած։ «Մենակ գնա»,— կբղավեր Ռոմանը, և Աշխատն իսկույն բեռը մենակ կտաներ, կհասցներ խոհանոց ու կկանգներ, սպասելով խոհարարներին և դույլերով պառաշա թափողներին, որ թուր վերցնեն։ «Խելոք ձի է,— կասեին,— մենակ է բերել... Լսող ձի է»։
― Տես է՜, իսկականից, անասուն է, բայց հասկանում է։
― Ապրես, Աշխատ։
Ձին գլուխը թափ կտար ու կփռնչար, ճիշտ կարծես, իրոք հասկանում և գոհ է գովասանքից։ Որեէ մեկն անպայման իսկույն հաց ու աղ կբերեր։ Աշխատը կուտեր և նորից գլուխը թափ կտար, ճիշտ կարծես ասելով. «Ես քեզ ճանաչում եմ, գիտեմ։ Ես էլ եմ լավ ձի, դու էլ ես լավ մարդ»։
Ես էլ էի սիրում Աշխատին հաց տալ։ Մի տեսակ հաճելի էր նայել նրա գեղեցիկ մռութին և ափի մեթ զգալ նրա փափլիկ, տաք, տվածը ճարպկորեն վերցնող շրթունքը։
Ընդհանրապես, մեր կալանավորները կարող էին կենդանիներ սիրել, և եթե թույլ տային, նրանք հաճույքով բազմաթիվ տնական անասուն և հավուճիվ կպահեին բանտում։ Եվ թվում է, ավելի շատ ի՞նչը կարող էր մեղմել, ազնվացնել կալանավորների բիրտ և գազանային բնավորությունը, եթե ոչ օրինակ, այդպիսի զբաղմունքը։ Թե մեր կարգերը, թե մեր տեղը դա թույլ չէին տալիս։
Բանտում գտնվելուս ամբողջ ընթացքում, այնուամենայնիվ, պատահաբար հայտնվեցին մի քանի կենդանիներ։ Աշխատից բացի մեզ մոտ կային շներ, սագեր, Վասկա այծը, որոշ ժամանակ նաև արծիվ էր ապրում։
Որպես բանտային մշտական շուն, մեզ մոտ ապրում էր, ինչպես նախապես ասել եմ, Շարիկը՝ խելացի ու բարի մի շուն, ում հետ մշտական բարեկամություն ունեի։ Բայց քանի որ ընդհանրապես հասարակ ժողովրդի համար շունն անմաքուր կենդանի է համարվում, որի վրա ուշադրություն էլ պետք չէ դարձնել, մեզ մոտ Շարիկի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Իր համար ապրում էր շունը, քնում էր բակում, ուտում խոհանոցի թերմացքը և ոչ մեկի առանձնահատուկ ուշադրությունը չէր հարուցում, թեև ճանաչում էր բոլորին և բանտում բոլորին համարում իր տերը։ Երբ կալանավորները վերադառնում էին գործատեղից, Շարիկն արդեն իր հաչոցով կարդեգարդիայի մոտ էր։ «Եֆրեյտորի՛ն» կանչի հետ նետվում էր դարպասի մոտ, բարեկամաբար դիմավորում յուրաքանչյուր կալանախումբը, պոչը խաղացնում ու սիրալիր նայում ամեն մտնողի աչքերին, թեկուզ որևէ քնքշանք սպասելով։ Սակայն տարիներ ի վեր ոչ մի քնքշանք չէր տեսել ոչ մեկից, բացի թերևս ինձնից։ Դրա համար էլ ինձ էր սիրում բոլորից շատ։ Չեմ հիշում, թե հետագայում բանտում ինչպես հայտնվեց մեկ ուրիշ շուն՝ Բելկան։ Իսկ երրորդին՝ Կռնատիկին, ինքս բերեցի մի անգամ գործատեղից, դեռևս քոթոթ էր։ Բելկան տարօրինակ արարած էր։ Ինչ-որ տեղ սայլ էր անցել վրայով, և մեջքը ներս էր ծալված, այնպես որ, երբ վազում էր, հեռվից թվում էր, թե վազում են երկու ճերմակ կենդանի՝ իրար միացած։ Բացի դրանից, մի տեսակ ամբողջովին քոսոտած էր, թարախակալած աչքերով, պոչը՝ բրդաթափ, համարյա անբուրդ և մշտապես իրեն քաշած։ Ճակատագրից խոցված, ըստ երեույթին, որոշել էր համակերպվել։ Երբեք, ոչ ոքի վրա չէր հաչացել կամ գռմռացել, ասես չէր համարձակվել։ Ապրում էր բանտասենյակների ետևում, ավելի շատ՝ հացի պատճառով, իսկ եթե հանկարծ տեսներ մերոնցից մեկնումեկին, նախապես, մի քանի քայլ դեռ մնացած, ի նշան հնազանդության, կշրջվեր մեջքին. իբր «ինչ ուզում ես արա ինձ հետ, իսկ ես, տեսնում ես, չեմ էլ մտածում դիմադրել»։ Եվ ամեն կալանավոր, ում առաջ շունը գլխկոնծի կտար, մեկ-մեկ կբոթեր նրան սապոգով, ճիշտ ասես համարելով դա իր անկապտելի պարտականությունը։ «Մի տես է, սրիկային»,— կասեին կալանավորները։ Սակայն Բելկան կլանչել իսկ չէր համարձակվի, իսկ եթե չափից ավելի ցավեցնեին, մի տեսակ խուլ ու աղիողորմ կվնգստար։ Ճիշտ նույնպես նա գլխկոնծի էր տալիս Շարիկի կամ ամեն մի ուրիշ շան առաջ, եթե իր գործերով դուրս փախչեր բանտից։ Երբեմն գլխկոնծի կտար ու կպառկեր խոնարհ, երբ որևէ կախականջ շուն վրա պրծներ մռլտոց-հաչոցով։ Բայց շները սիրում են իրենց նմանների հնազանդումը և հպատակումը։ Կատաղած շունն անմիջապես հանգստանում, որոշ մտազբաղությամբ կանգնում ոտքերը վեր տնկած շան գլխավերևում և դանդաղ, մեծ հետաքրքրությամբ սկսում հոտոտել մարմնի բոլոր մասերը։ Որևէ բան կարո՞ղ էր այդ ժամանակ մտածել ամբողջ մարմնով դողդողացող Բելկան։ «Իսկ թե որ հանկարծ վրա տա՞ ավազակը»,― հավանաբար անցնում էր մտքով։ Սակայն ուշադրությամբ հոտվտելով, գամփռն ի վերջո թողնում էր նրան, առանձնապես հետաքրքրական ոչինչ չգտնելով նրա մեջ։ Բելկան իսկույն ևեթ վեր էր ցատկում ու նորից, կաղին տալով վազում էր որևէ Ժուչկայի ուղեկցող ինչ֊որ շների շարանի ետևից։ Ու թեև հաստատ գիտեր, որ այդ ժուչկայի հետ երբեք մոտիկից չի ծանոթանա, այդուհանդերձ, թեկուզ հեռվից կաղին տալը նրա համար սփոփանք էր իր տպավորությունների մեջ։ Պատվի մասին, ըստ երևույթին, արդեն դադարել էր մտածել։ Հետագայում և ոչ մի առաջխաղացում, ապրում էր սոսկ ուտելիքի համար և լիովին գիտակցում դա։ Մի անգամ փորձեցի շոյել նրան։ Դա այնքան էր նոր ու անսպասելի շան համար, որ հանկարծ ամբողջ մարմնով, չորս թաթերով փռվեց հողին, սրթսրթաց մարմնով մեկ և սկսեց բարձրաձայն վնգստալ խանդաղատանքից։ Խղճալուց հաճախ էի շոյում նրան։ Փոխարենը առանց վնգստոցի չէր կարող դիմավորել ինձ։ Կտեսներ հեռվից ու կվնգստար, կվնգստար հիվանդագին ու արցունքոտ։ Ավարտվեց նրանով, որ բանտից դուրս, հողապատնեշի վրա նրան գզգզեցին շները։
Միանգամայն ուրիշ բնավորություն ուներ Կռնատիկը։ Թե ինչի համար նրան բանտ բերեցի արհեստանոցից, երբ դեռ կույր թուլա էր, չգիտեմ։ Ինձ համար հաճելի էր կերակրել և մեծացնել նրան։ Շարիկն անմիջապես ընդունեց Կռնատիկին իր խնամակալության տակ և նրա հետ մեկտեղ էր քնում։ Երբ Կռնատիկը սկսեց մեծանալ, թույլ էր տալիս կծոտել իր ականջները, քաշել բրդից և խաղալ հետը, ինչպես սովորաբար խաղում են հասուն շները քոթոթների հետ։ Տարօրինակ է, որ Կռնատիկը համարյա չէր աճում հասակով, այլ երկարությամբ և լայնությամբ։ Բուրդը մի տեսակ գզուզ էր, բայց մկնագույնի պես, մի ականջը կախվում էր ցած, մյուսը վեր տնկվում։ Բուռն ու ցնծագին բնավորություն ուներ, ինչպես ամեն մի քոթոթ, որն իր տիրոջը տեսնելու ուրախությունից սովորաբար կհաչա, կվնգստա, կթռչի լպստելու հենց դեմքը և պատրաստ է չզսպել իր բոլոր զգացմունքները. «Մենակ թե ցնծությունս երևա, իսկ բարեպաշտությունը ոչինչ չի նշանակում»։ Մեկ-մեկ, որտեղ էլ լինեի, հենց կանչեի «Կռնատիկ», հանկարծակի կհայտնվեր մի պուճախից, ասես գետնի տակից, և ծղրտան հրճվանքով կթռչեր մոտս, գնդիկի պես գլորվելով և ճանապարհին գլխկոնծի տալով։ Ես շատ֊շատ էի սիրում այդ պստիկ այլանդակին։ Թվում էր, թե բախտը միայն լիություն և միմիայն ուրախություններ էր կանխատեսել։ Բայց մի գեշ օր կալանավոր Նեուստրոևը, որը կանանց կոշիկ կարելով և կաշեգործությամբ էր զբաղվում, ուշադրություն էր դարձրել նրա վրա։ Կռնատիկին կանչել էր մոտը, տնտղել բուրդը և քնքշորեն գլորել գետնի վրա։ Կռնատիկը, ոչինչ չկասկածելով, վնգստացել էր հաճույքից։ Բայց հաջորդ առավոտյան նա անհետացավ։ Երկար փնտրում էի նրան, ասես գետնի տակ էր անցել, և միայն երկու շաբաթ անց ամեն ինչ պարզվեց. Կռնատիկի բուրդը շատ էր դուր եկել Նեուստրոևին։ Մաշկել էր շանը, կաշին մշակել և վրակար արել թավշյա ձմեռային կիսակոշիկներին, որ նրան էր պատվիրել քննիչ կինը։ Նեուստրոևն ինձ ցույց տվեց կիսակոշիկները, երբ կարել֊վերջացրել էր։ Բուրդը զարմանալի հարմար էր եկել։ Խե՜ղճ Կռնատիկ։
Մեր բանտում շատերն էին զբաղվում կաշի մշակելով և հաճախ իրենց հետ շներ էին բերում լավ բրդով, որոնք իսկույն ևեթ անհետանում էին։ Որոշ շների գողանում էին, մնացածին նույնիսկ գնում։ Հիշում եմ, մի անգամ, խոհանոցներից այնկողմ երկու կալանավոր տեսա։ Ինչ֊որ բան էին քննում և առնում֊տալիս։ Նրանցից մեկը ձեռքի պարանով բռնել էր մի հոյակապ, խոշոր, երևում է՝ թանկարժեք ցեղական շուն։ Որևէ սրիկա ծառա փախցրել էր իր տիրոջից և վաճառել մեր կոշկակարներին երեսուն արծաթ կոպեկով։ Կալանավորները պատրաստվում էին կախել շանը։ Շատ հարմար էր դա արվում։ Մաշկում էին և լեշը շպրտում բանտի ամենաետևի անկյունում գտնվող մեծ ու խոր աղբահորը, որն ամռանը, շատ շոգ օրերին սարսափելի գարշահոտ էր սփռում։ Հազվադեպ էին մաքրում հորը։ Թվում էր, խեղճ շունը հասկանում էր իրեն վիճակվածը։ Նա քննող և անհանգիստ հայացքով զննում էր երեքիս հերթով և սոսկ մեկ֊մեկ համարձակվում շարժել իր թավ, մարմնին սեղմած պոչը, ճիշտ կարծես կամենալով մեղմել մեզ՝ մեր հանդեպ իր վսաահության այդ նշանով։ Ես շուտով հեռացա, իսկ նրանք, անշուշտ, իրենց գործն ավարտեցին հաջողությամբ։
Սագերը մեզ մոտ հայտնվեցին նույնպես պատահաբար։ Ով էր պահում, հատկապես ում էին պատկանում, չգիտեմ, բայց մի որոշ ժամանակ սագերը շատ էին ուրախացնում կալանավորներին և նույնիսկ հայտնի դարձան քաղաքում։ Նրանք բազմացել էին բանտում և պահվում էին խոհանոցում։ Երբ ճտերը մեծացան, ապա բոլորը, լրիվ կազմով, սովորություն դարձրին կալանավորների հետ գնալ գործատեղ։ Հենց կտկտար թմբուկը և կալանավորները շարժվեին ելքի կողմը, մեր սագերը ճղճղոցով կվազեին նրանց ետևից, թեևրը բաց արած, մեկը մյուսի ետևից կցատկեին դռնակի բարձր շեմի վրայով և անպայման կշտապեին աջ թև, ուր և կշարվեին, սպասելով գործաբաժանի ավարտին։ Նրանք միշտ միանում էին ամենամեծաքանակ խմբին և գործատեղում, մոտերքում մի տեղ քջուջ անում։ Հենց խումբը շարժվեր ետ, դեպի բանտ, կշարժվեին նաև նրանք։ Ամրոցում լուրեր տարածվեցին, թե սագերը կալանավորների հետ գործի են գնում. «Տես է, կալանավորներն իրենց սագերով են գնում,— կասեին հանդիպողները։— Էդ ո՞նց եք դրանց սովորեցրել»։— «Էս էլ ձեզ սագերի համար»,— կավելացներ մեկ ուրիշն ու ողորմություն կտար։ Բայց չնայած նրանց համակ նվիրվածությանը, ինչ֊որ պաս բացելիս, բոլորին մորթեցին։
Փոխարենը՝ մեր Վասկա այծին ոչ մի դեպքում չէին մորթի, եթե առանձնահատուկ հանգամանք չառաջանար։ Էլի չգիտեմ, որտեղից էր հայտնվել մեզ մոտ և ով էր բերել, բայց մեկ էլ բանտում հայտնվեց մի պստիկ, ճերմակ ու շատ սիրունիկ այծիկ։ Մի քանի օրում մեզ մոտ բոլորը սիրեցին նրան, ե այծիկը դարձավ ընդհանուրի զբաղմունքը, անգամ ուրախությունը։ Գտան նաև նրան պահելու պատճառը. պետք էր, չէ՞, բանտում, ախոռին կից այծ պահել։ Բայց և այնպես, նա ախոռում չէր ապրում, այլ սկզբում՝ խոհանոցում, ապա՝ ամբողջ բանտում։ Շատ վեհապանծ տեսքով և շատ չարաճճի մի արարած էր։ Վազում էր կանչին ընդառաջ, ցատկում նստարանների, սեղանների վրա, պոզահարվում կալանավորների հետ, միշտ ուրախ էր և զվարճաբեր։ Մի անգամ։ երբ արդեն կարգին պոզեր էին աճել, երեկոյան, լեզգին Բաբայը, մյուս կալանվորների հետ նստած բանտասենյակի առմուտքին, որոշեց գլուխ-գլխի տալ այծի հետ։ Արդեն երկար ժամանակ գլուխ-գլխի էին տալիս այծի հետ, դա կալանավորների սիրած զբաղմունքն էր, երբ հանկարծ Վասկան ցատկեց առմուտքի ամենավերին աստիճանին, և հենց Բաբայը մի կողմ շրջվեց, այծն ակնթարթորեն ծառս եղավ, առջևի կճղակները սեղմեց իրեն և ամբողջ թափով խփեց Բաբայի ծոծրակին, այնպես, որ լեզգինը թավագլոր ընկավ աստիճաններից, ի ցնծություն բոլոր ներկաների և առաջինը՝ Բաբայի։ Մի խոսքով, Վասկային բոլորն անչափ սիրում էին։ Երբ սկսեց մեծանալ, ընհանուր և լրջմիտ խորհրդակցությամբ հայտնի վիրահատությունը կատարվեց, որը մեր անասնաբույժները գերազանց էին կարողանում անել։ Դրանից հետո Վասկան սկսեց ահավոր ճարպակալել։ «Թե չէ, իծահոտ կգա»,— ասում էին կալանավորները։ Եվ կերակրում էին, ճիշտ ասես մորթելու համար։ Ի վերջո, մեծացավ-դարձավ սքանչելի, խոշոր, շատ երկար պոզերով և ահավոր գիրության մի այծ։ Մեկ-մեկ կքայլեր ճոճեճոճ։ Նա նույնպես սովորություն դարձրեց մեզ հետ գործատեղ գնալ, կալանավորներին և հանդիպող մարդկանց ի ուրախություն։ Բոլորը ճանաչում էին բանտային այծ Վասկային։ Երբեմն, օրինակ, երբ աշխատում էին գետափին, կալանավորները որձուռենու բարակ ճյուղեր, էլի ինչ-որ տերևներ ու թփեր, պատնեշաթմբից ծաղիկներ կքաղեին ու այդ ամենով կզարդարեին Վասկային՝ պոզերին ճյուղեր ու ծաղիկներ կհյուսեին, իրանով մեկ դրասանգներ կկախեին։ Մեկ֊մեկ Վասկան բանտ կվերադառնար կալանավորների առջևից, զարդարած ու պճնած, կալանավորներն էլ՝ ետևից, ասես հպարտանալով անցորդների առաջ։ Այծով հիանալն այնտեղ հասավ, որ ոմանց մտքով անցավ նույնիսկ, ասես երեխա լինեին, այսպիսի մի բան. «Վասկայի պոզերը չոսկեղօծե՞նք»։ Բայց միայն ասացին, չարեցին։ Հիշում եմ, հարցրի Ակիմ Ակիմիչին՝ Իսայ Ֆոմիչից հետո մեր լավագույն ոսկերիչին, թե կարելի՞ է, իրոք, ոսկեզօծել այծի պոզերը։ Նա սկզբում ուշադիր նայեց այծին, լրջորեն գցեց֊բռնեց և պատասխանեց, որ կարելի է թերևս, «բայց լավ չի բռնի և բացի դրանից, կատարելապես անօգուտ է»։
Դրանով էլ վերջացավ։ Ու երկար կապրեր Վասկան բանտում և կմեռներ գուցե թե շնչահեղձումից, բայց մի անգամ, կալանավորների գլուխն անցած, պճնված ու զարդարված, գործատեղից գալիս, դեմ առավ կառքով անցնող մայորին։ «Կանգնիր,— թնդաց նա։— Ո՞ւմ այծն է»։ Նրան բացատրեցին։ «Ինչպե՞ս թե, բանտում այծ կա, առանց իմ թույլտվությա՞ն։ Ենթասպա»։ Հայտնվեց ենթասպան, և տեղնուտեղը հրամայվեց անհապաղ մորթել այծին։ Մաշկել, վաճառել շուկայում և փողը մուծել պետական կալանավորական գումարի հաշվին, իսկ միսը տալ կալանավորներին՝ շչիով։ Բանտում խոսեցին, ափսոսացին, բայց և այնպես, չհամարձակվեցին չենթարկվել։ Վասկային մորթեցին մեր կեղտահորի պռնկին։ Միսը լրիվ գնեց կալանավորներից մեկը, բանտ մուծելով մեկուկես տասնոց։ Դրանով կալաչներ գնեցին, իսկ Վասկային գնողը միսը վաճառեց մաս֊մաս, յուրայինների համար տապակելու։ Իրոք, արտակարգ համով միս էր։
Մեզ մոտ, բանտում, որոշ ժամանակ նաև արծիվ (ղարաղուշ) էր ապրում, տափաստանային ոչ մեծ տեսակի արծիվներից։ Ինչ-որ մեկը նրան բանտ էր բերել վիրավորված և տանջահար։ Ամբողջ տաժանավայրը շրջապատեց թռչնին, թռչել չէր կարողանում, աջ թևը կախված քսվում էր հողին, մի ոտքը դուրս էր ընկել։ Հիշում եմ, թե ինչ կատաղությամբ էր շուրջը նայում, զննելով հետաքրքված ամբոխին, բացում իր կեռ կտուցը՝ պատրաստվելով թանկ վճարել իր կյանքի համար։ Երբ նայելուց կշտացան և սկսեցին ցրվել, նա կաղին տալով, ետ քաշվեց, ցատկոտելով մի ոտքի վրա և թափահարելով անվնաս թևը, գնաց բանտի ամենահեռավոր անկյունը, ուր մնաց անկյունում, ամուր սեղմված սյանը։ Այնտեղ նա ապրեց մի երեք ամիս և ամբողջ ժամանակ ոչ մի անգամ չելավ իր անկյունից։ Սկզբում հաճախ էին գալիս նրան նայելու, շուն էին քսի տալիս վրան։ Շարիկը կատաղությամբ նետվում էր թռչնի կողմը, բայց երևում է, վախենում էր ավելի մոտենալ, ինչ շատ էր զվարճացնում կալանավորներին։ «Գազան է, զազան,— ասում էին։— հանձնվողը չի»։ Հետագայում Շարիկը սկսեց ցավոտ նեղացնել թռչնին, վախը չքացել էր, և երբ քսի էին տալիս, ճարպկորեն բռնում էր արծվի վնասված թևը։ Արծիվը պաշտպանվում էր ամբողջ ուժով, ճանկերով և կտուցով, և հպարտ ու վայրի, ինչպես խոցված արքա, քաշված իր անկյունը, զննում էր իրեն տեսնելու եկած հետաքրքրասերներին։ Ի վերջո, բոլորին ձանձրացրեց, բոլորը լքեցին նրան ու մոռացան, այնուամենայնիվ, ամեն օր նրա առաջ կարելի էր տեսնել թարմ մսի կտորտանք և մի աման ջուր։ Մեկնումեկը խնամում էր նրան։ Սկզբում ուտել իսկ չէր ուզում, մի քանի օր չկերավ, վերջապես սկսեց ուտել, սակայն երբեք ձեռքից կամ մարդկանց ներկայությամբ։ Մի քանի անգամ ինձ վիճակվեց հեռվից հետևել նրան։ Ոչ ոքի չտեսնելով և մաածելով, թե մենակ է, արծիվը երբեմն սիրտ էր անում դուրս գալ իր անկյունից ու կաղին տալով սյուների մոտով, իր տեղից տասը-տասներկու քայլ հեռու գնալ, հետո ետ դառնալ, ապա նորից առաջանալ՝ ասես զբոսանքի ելած։ Սակայն ինձ տեսնելով, ամբողջ ուժով կաղին տալով ու ցատկոտելով, ետ դնաց իր տեղը և գլուխը ետ պարզած, կտուցը բաց ու փետուրները ցից֊ցից, անմիջապես պատրաստվեց կռվի։ Ոչ մի կերպ չկարողացա մեղմել նրան, կծոտում էր և խփվում, տավարի միսը ձեռքիցս չվերցրեց և ամբողջ ժամանակ, քանի դեռ կանգնած էի գլխավերևում, ակնապիշ-ակնապիշ աչքերիս էր նայում իր չարացած, ծակող հայացքով։ Մենավոր ու չարացած, իր մահվանն էր սպասում, ոչ մեկին չվստահելով և ոչ մեկի հետ չհաշտվելով։ Վերջապես, կալանավորները կարծես հիշեցին նրան, ու թեև ոչ ոք հոգ չէր տանում, ոչ ոք չէր մտածել նրա մասին երկու ամիս, բայց հանկարծ բոլորի մեջ կարեկցանք հայտնվեց։ Սկսեցին խոսել, որ արծվին դուրս տանել է պետք։ «Թող սատկի թեկուզ, բայց ոչ բանտում»,— ասում էին ոմանք։
― Հայտնի բան է, ազատ թռչուն է, խիստ, բանտի չես սովորեցնի,— հարում էին մյուսները։
— Երևում է, մեզ պես չի,— ավելացրեց մեկ ուրիշը։
― Հո չասի՜ր, ախր էդ թռչուն է, մենք՝ մարդեր։
― Տղերք, արծիվն անտառների թագավորն է...— սկսեց Սկուրատովը, բայց այս անգամ նրան չլսեցին։ Մի անգամ ճաշից հետո, երբ զարկեց թմբուկը, գործատեղ տարան արծվին, ձեռքով սեղմած կտուցը, որովհետև սկսել էր կատաղաբար դիմադրել, ու դուրս տարան բանտից։ Հասան հողապատնեշին։ Այդ խմբում եղած տասներկու հոգին հետաքրքրասիրությամբ ուզում էին տեսնել, թե ուր կգնա արծիվը։ Տարօրինակ է՝ բոլորն ինչ֊որ բանից գոհ էին, ճիշտ կարծես իրենք էլ էին մասամբ ազատություն ստացել։
― Մի տես է օձի կծածին՝ իր համար բարի գործ ես անում, բայց դե, կծոտում է,— ասաց թռչնին բռնած կալանավորը համարյա սիրով նայելով չարացած արծվին։
― Բաց թող դրան, Միկիտկա։
― Երևում է, նրան ուրիշ բան պետք չի։ Ուզածն ազատություն է, իսկական, կարգին ազատ֊ազատություն։
Արծվին թողեցին հողապատնեշից ցած, դեպի տափաստան։ Խոր աշուն էր, ցուրտ ու մռայլ օր։ Քամին սուլում էր լերկ տափաստանում և խշխշում դեղնած, թոշնած, գուղձապատ խոտերի մեջ։ Արծիվը թռավ ուղիղ, թափահարելով վնասված թևը, կարծես շտապելով հեռանալ մեզնից՝ ուր աչքը կկտրի։ Կալանավորները հետաքրքրությամբ հետևում էին, ինչպես է հայտնվում֊կորչում թռչնի գլուխը՝ խոտերի մեջ։
― Տեսար դրան,— մտազբաղ ասաց մեկը։
― Ետ էլ չնայեց,— ավելացրեց մյուսը։— Տղերք, ոչ մի անգամ ետ չնայեց, վազեց իր քեֆին։
― Բա կարծում էիր, ետ կգա, շնորհակալությո՞ւն ասի,— երրորդն էր։
― Հասկանալի է՝ ազատություն։ Հոտն առավ ազատության։
― Ուրեմըս, ազադություն...
― Ու էլ չենք տեսնի, տղերք...
― Էլ ի՞նչ կանգնեցիք, մարշ,— գոռացին պահնորդները, և բոլորը լուռ գնացին գործատեղ։
=== VII։ Հայցապահանջ ===
Սկսելով այս գլուխը, հանգուցյալ Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովի գրառումների հրատարակիչն իր պարտքն է համարում հետևյալը հայտնել ընթերցողներին։
Սույն գործի առաջին գլխում մի քանի խոսք ասվել է հայրասպանի մասին՝ ազնվականներից։ Իմիջիայլոց, նա ներկայացված էր որպես օրինակ, թե ինչ անզգայնությամբ են կալանավորները երբեմն խոսում իրենց գործած հանցանքների մասին։ Ասվել է նաև, որ մարդասպանը չի խոստովանել դատարանի առաջ՝ իր հանցագործության մասին, բայցև որ, դատելով մարդկանց պատմածներից, ովքեր նրա պատմության բոլոր մանրամասները գիտեին, փաստերն այնքան հստակ են եղել, որ անհնար էր չհավատալ հանցանքի իսկությանը։ Այդ նույն մարդիկ պատմել են «Գրառումների» հեղինակին, որ հանցագործը եղել է միանգամայն անառակ վարքի տեր, պարտքերի տակ է մտել և սպանել հորը, դրանից հետո՝ ժառանգության ծարավի։ Ի դեպ, ամբողջ քաղաքը, ուր մինչ այդ ապրում էր հայրասպանը, այդ պատմությունն անում էր միատեսակ։ Վերջին այս փաստի մասին «Գրառումների» հրատարակիչն ունի բավականաչափ հավաստի տեղեկություններ։ Ի վերջո, «Գրառումներում» ասված է, որ բանտում մարդասպանը մշտապես հիանալի և զվարթագույն հոգեվիճակում էր, որ դա խելառ, թեթևամիտ, չափից դուրս անկշռադատ մեկն էր, թեև ամենևին ոչ հիմար, և որ «Գրառումների» հեղինակը նրա մեջ երբեք չի նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Եվ հենց այդտեղ էլ բառեր են ավելացված. «Անշուշտ, ես չէի հավատում այդ հանցագործությանը»։
«Գրառումների» հրատարակիչն օրերս ծանուցում ստացավ Սիբիրից, որ հանցագործն իսկապես իրավացի է և տասը տարի զուր տեղը տառապել է տաժանակրի աշխատանքներում, որ նրա անմեղությունը բացահայտվել է դատարանով, պաշտոնապես։ Որ իսկական հանցագործները գտնվել են, խոստովանել, և որ թշվառականն արդեն ազատված է բանտից։ Հրատարակիչը ոչ մի կերպ չի կարող չհավատալ այդ տեղեկության իսկությանը...
Ավելացնելու բան չկա այլես։ Չարժե խոսել ու ծավալվել այդ փաստի ողբերգականության համակ խորության շուրջ, երիտասարդ տարիքից կործանված կյանքի մասին՝ նման ահավոր մեղադրանքի ներքո։ Փաստը չափից ավելի է հասկանալի, չափազանց ապշեցուցիչ ինքնին։
Մենք մտածում ենք նաև, որ եթե նման փաստը հնարավոր դարձավ, ապա հնարավորությունն ինքնըստինքյան մի նոր և չափից ավելի վառ գիծ է ավելացնում Մեռյալ տան բնութագրմանը և կատարյալ պատկերին։
Իսկ հիմա շարունակենք։
Վերն արդեն ասել եմ, որ ի վերջո, ընտելացա բանտում իմ վիճակին։ Սակայն այդ «ի վերջոն» եղավ խիստ ծանր ու տանջալի, չափից ավելի կամաց-կամաց։ Ըստ էության, ինձ պետք եղավ համարյա մեկ տարի ժամանակ դրա համար, և դա իմ կյանքի ամենադժվարին տարին էր։ Հենց այդ պատճառով էլ ամբողջությամբ դաջվեց հիշողությանս մեջ։ Ինձ թվում է, թե այդ տարվա ամեն ժամը հիշում եմ հաջորդաբար։ Ասել եմ նաև, որ այդ կյանքին ''ընտելանալ'' չէին կարողանում նաև մյուս կալանավորները։ Հիշում եմ, թե ինչպես այդ առաջին տարում հաճախ ինքս ինձ մտորում էի. «Ի՞նչ, ինչպե՞ս, մի՞թե կարողացել են ընտելանալ, մի՞թե հանգիստ են։ Եվ այդ հարցերն ինձ շատ էին զբաղեցնում։ Արդեն հիշատակել եմ, որ կալանավորները այստեղ ապրում էին կարծես ոչ իրենց տանը, այլ ասես մի իջևանատան, արշավի կամ որևէ կալաներթի մեջ։ Ցմահ աքսորվածներն անգամ իրարանցման մեջ էին կամ կարոտում էին, և անպայմանորեն ամեն մեկը երազում էր անհնարին ինչ-որ բան։ Այդ մշտական անհանգստությունը, որ արտահայտվում էր թեև լուռ, սակայն տեսանելի, երբեմն ակամա արտահայտած հույսերի այդ արտառոց տաքարյունությունը և անհամբերությունն այն աստիճանի անհիմն, որ զառանցանքի է նմանվում, և որ ամենից շատ էր ապշեցնում՝ տեղ գտած, ըստ երևույթին, ամենագործնական ուղեղներում, ահա այդ ամենն անսովոր տեսք ու բնույթք էր հաղորդում այդ վայրին, այն աստիճան, որ գուցեև հենց այդ գծերն էին կազմում դրա ամենաբնութագրական հատկանիշը։ Համարյա առաջին հայացքից մի տեսակ զգացվում էր, որ նման բան չկար բանտից դուրս։ Այստեղ բոլորը երազողներ էին, և դա աչքի էր զարնում։ Դա զգացվու մ էր հիվանդագին, հենց այն պատճառով, որ անրջականությունը բանտի մեծ մասին տալիս էր մռայլ ու դաժան տեսք, մի տեսակ անառողջ արտաքին։ Վիթխարի մեծամասնությունը ատելության աստիճան լռակյաց էր ու քինոտ, չէր սիրում հույսերն ի ցույց դնել։ Պարզամտությունը, անկեղծությունն արհամարհված էին։ Որքան ավելի անիրական էր դա զգում ինքը՝ երազողը, այնքան ավելի ողջամտորեն և համառությամբ էր թաքցնում իր մեջ, սակայն հրաժարվել դրանից չէր կարող։ Ով դիտե, գուցեև ոմանք ամաչում էին ներքուստ։ Ռուսական բնավորության մեջ այնքան շատ է դրականությունը և հայացքի սթափությունը, այնքան շատ է ներքին քմծիծաղը՝ առաջին հերթին իր իսկ վրա... Գուցեև մշտական թաքցված դժգոհությունն իրենցից, այդ մարդկանց այդչափ դժդոհությունն էր հարուցում միմյանց հետ ամենօրյա փոխհարաբերություններում, այդչափ անհաշտությունը և ծաղրը միմյանց հանդեպ։ Եվ եթե, ասենք, իրենց իսկ միջից հանկարծ դուրս պրծներ առավել միամիտ ու անհամբեր մեկր և մի անգամ բարձրաձայն ասեր այն, ինչ բոլորի մտքում էր, տրվեր անուրջների և հույսերի, ապա նրան տեղնուտեղը կոպտաբար կըմբերանեին, կընդհատեին, կծաղրեին, սակայն ինձ թվում է, որ հետապնդողներից ամենամոլիները հենց նրանք էին, ովքեր նրանից շատ ավելի էին առաջացել իրենց երազանքներով ու հույսերով։ Արդեն ասել եմ, որ միամիտներին և պարզամիտներին մեզ մոտ նայում էին որպես ամենահետնյալ տխմարների և վերաբերվում արհամարհաբար։ Յուրաքանչյուրն այնքան էր մռայլ և անձնասեր, որ սկսում էր քամահրել բարեսիրտ և անանձնական մարդուն։ Այդ միամիտներից ու պարզսիրտ շատախոսներից բացի, մյուս բոլորը, այսինքն՝ լռակյացները, կտրուկ բաժանվում էին բարեսիրտների և չարակամների, մռայլադեմների և լուսավոր հայացք ունեցողների։ Խոժոռադեմներն ու չարակամներն անհամեմատ շատ էին, իսկ եթե նրանցից ոմանք ի բնե շատախոս էին, ապա բոլորն անպայման անդադրում բամբասասեր էին և տագնապահարույց նախանձներ։ Ուրիշի ամեն ինչի հետ գործ ունեին, թեև իրենց հոգին, սեփական գաղտնի գործերը ոչ մեկին ի ցույց չէին դնի։ Դա հարգի չէր, ընդունված չէր։ Բարեսիրտները շատ փոքր խմբակ, սուսուփուս էին, լռելյայն ներսում էին թաքցնում իրենց հուսադրումները, անշուշտ, մռայլադեմներից ավելի էին հակված հույսի և հավատի։ Իմիջիայլոց, ինձ թվում է, որ բանտում էին նաև կատարելապես հուսաբեկ մարդկանց մի ամբողջ հատված։ Այդպիսին էր, օրինակ, ծերունին՝ Ստարոդուբովյան արվարձաններից, համենայն դեպս, այդպիսիք շատ քիչ էին։ Ծերունին արտաքուստ հանգիստ էր (արդեն ասել եմ այդ մասին), սակայն որոշ հատկանիշներից ելնելով, ենթադրում եմ, հոգեվիճակն ահավոր էր։ Իմիջիայլոց, նա իր փրկությունն ուներ՝ աղոթք և նահատակության գաղափարը։ Խելագարված, Աստվածաշնչի ընթերցմամբ կլանված կալանավորն, ում մասին արդեն հիշատակել եմ, որն աղյուսն առած հարձակվել էր մայորի վրա, հավանորեն, նույնպես հուսաբեկներից էր, նրանցից, ում լքել էր վերջին հույսը, իսկ քանի որ կատարելապես առանց հույսի ապրելն անհնարին է, ապա ինքն իր համար ելք էր հորինել՝ կամավոր, համարյա արհեստական նահատակություն։ Նա հայտնեց, որ մայորի վրա է նետվել առանց չարամտության, այլ սոսկ կամենալով չարչարանք ընդունել։ Եվ ով գիտե, թե հոգեբանական ինչ շրջադարձ էր կատարվել նրա հոգում այն ժամանակ։ Առանց որևէ նպատակի և դրան ձգտելուն չի ապրում և ոչ մի մարդ։ Կորցնելով նպատակը և հույսը, մարդը թախծից հաճախ վերածվում է հրեշի... Մերոնց բոլորի նպատակն ազատությունն էր և ելքը տաժանակրությունից։
Ի դեպ, ահա հիմա ես եմ ջանում մեր ամբողջ բանտը տեսակավորել, սակայն հնարավո՞ր է դա։ Իրականությունն անսահման բազմիմաստ է, համեմատած մյուս բոլոր նույնիսկ և ամենախորամանկ, հետևություններով վերացարկված մտքի հետ և չի հանդուրժում կտրուկ և խոշոր տարբերակներ։ Իրականությունը ձգտում է կոտորակման։ Սեփական, առանձնահատուկ կյանք ունեինք նաև մենք, գոնե ինչ-որ մի, այդուհանդերձ ունեինք, այն էլ ոչ ուրիշ՝ պաշտոնական, այլ մեր ներքին, սեփական կյանքը։
Սակայն, ինչպես հիշատակել եմ մասամբ, ես չէի կարող և չգիտեի ներթափանցել այդ կյանքի խորքերը՝ բանտային իմ կյանքի սկզբում, այդ պատճառով էլ արտաքին բոլոր դրսևորումներն այն ժամանակ ինձ տանջում էին անպատմելի թախծով։ Այն ժամանակ պարզապես սկսեցի ատել ինձ պես տառապյալներին։ Նույնիսկ նախանձում էի նրանց և մեղադրում ճակատագիրը։ Նախանձում էի նրանց, որ այնուամենայնիվ, յուրայինների, ընկերության մեջ են, հասկանում են իրար, թեև ըստ էության, նրանց բոլորին, ինչպեսև ինձ, ձանձրացրել, տաղտկալի էր դարձել այդ ընկերությունը՝ մտրակի և մահակի տակ, այդ բռնի արտելը, և յուրաքանչյուրն իր ներսում գլուխ էր թեքում մյուսներից մի կողմի վրա։ Կրկնեմ նորից, չարության պահերին ինձ պաշարած այդ նախանձն ուներ իր օրինական հիմքը։ Իրականում կտրականապես իրավացի չեն նրանք, ովքեր ասում են, թե ազնվականի, ուսյալ և այլն մարդու համար միանգամայն նույն ծանրությունն է մեր տաժանավայրերում ու բանտերում, ինչպեսև ամեն մի մուժիկի համար։ Ես գիտեմ, լսել եմ այդ ենթադրության մասին վերջին ժամանակներս, կարդացել եմ այդ մասին։ Այդ գաղափարի հիմքն արդարացի է, մարդասիրական։ Բոլորն էլ մարդ-արարածներ են։ Սակայն հենց գաղափարն է խիստ վերացարկված։ Աչքաթող են արված բազմաթիվ գործնական պայմաններ, որոնք այլ կերպ չեն ըմբռնվի, քան իրականության մեջ։ Ես սա ասում եմ ոչ որովհետև ազնվականը, ուսյալ մարդն ավելի նրբինացված, հիվանդագին է զգում, որ ավելի զարգացած են նրանք։ Հոգին և նրա զարգացումը դժվար է հարմարեցնել որևէ տվյալ մակարդակի։ Անգամ ուսյալությունն ինքնին այդ դեպքում չափանիշ չէ։ Պատրաստ եմ առաջինը վկայել, որ ամենևին ոչ ուսյալ, ամենաճնշված միջավայրում այդ տառապյալների մեջ հանդիպել եմ հոգեկան ամենանրբին զարգացման գծեր։ Բանտում երբեմն լինում էր այնպես, որ մի քանի տարի կճանաչեիր մարդուն և նրա մասին կմտածեիր, թե գազան է, ոչ մարդ, կարհամարհեիր։ Ու հանկարծ պատահմամբ կգար պահը, երբ նրա հոգին ակամա պոռթկումով երևան կգար, և կտեսնեիր այնպիսի զգացմունք, հարստություն, սիրտ, սեփական թե ուրիշի տառապանքի այնպիսի ըմբռնում, որ հանկարծ կբացվեին աչքերդ և առաջին պահին չէիր հավատա նույնիսկ, որ անձամբ ես տեսել ու լսել։ Լինում է նաև հակառակը. կրթությունը երբեմն հաշտվում է այնպիսի բարբարոսության, այնպիսի ցինիզմի հետ, որ նողկանք է հարուցում և, ինչքան էլ բարեսիրտ կամ կանխակալ լինես, սրտումդ ո՛չ թողություն կգտնես, ո՛չ արդարացում։
Ոչինչ չեմ ասում նաև սովորությունների, կենսակերպի, ուտելիքի և այլնի փոփոխման մասին, ինչ հասարակության վերին խավի մարդու համար, հարկավ, ծանր է ավելի, քան մուժիկի, որը հաճախ քաղցել է ազատության մեջ, իսկ բանտում կուշտ փորով ուտում է համենայն դեպս։ Չեմ վիճի այդ մասին։ Ընդունենք, որ թեկուզ փոքր-ինչ կամքի ուժ ունեցող մարդու համար այդ ամենը փուչ բան է, համեմատած մյուս անհարմարությունների հետ, թեև ըստ էության, սովորությունների փոփոխումն ամենևին էլ անհեթեթ չէ, վերջին բանը չէ։ Սակայն կան անհարմարություններ, որոնց դիմաց այդ ամենը խամրում է, այն աստիճան, որ ուշադրություն չես դարձնում ո՛չ բանտային կեղտին, ո՛չ կալանդներին, ո՛չ անյուղ, անտեսք ուտելիքին։ Ամենանրբին փափկասունը, ամենաբծախնդիր նրբակյացը, մեկ օր աշխատելով՝ քրտինքի մեջ կորած, ինչպես երբեք չէր աշխատել ազատության մեջ, կուտի թե՛ սև հացը, թե՛ շչին՝ ուտիճներով։ Սրան դեռ կարելի է վարժվել, ինչպես ասված է կալանավորական երգիծական երգում՝ տաժանավայր եկած նախկին փափկասունի մասին.
Կաղամբ կտան ինձ, ջրի հետ խառը՝
Ու կուտեմ այնպես, ականջներս կախ։
Ոչ, այս ամենից ավելի կարևոր է այն, որ բանտ մտածներից յուրաքանչյուրը, գալուց երկու ժամ անց դառնում էր այնպիսին, ինչպիսին մյուս բոլորը, ''ինչպես իր տանը''․ նույնպիսի մի լիիրավ տեր բանտային արտելում, ինչպես մեկ ուրիշը։ Նա հասկանալի է բոլորին, ինքն էլ բոլորին է հասկանում, ծանոթ է բոլորին և րոլորը նրան համարում են ''յուրային''։ Նույնր չէ ''ազնվատոհմի'', ազնվականի համար։ Որքան էլ իրավացի եղավ, բարեսիրտ, խելացի, տարիներ շարունակ նրան կատեն, կարհամարհեն բոլորը՝ զանգվածով մեկ, նրան չեն հասկանա, գլխավորը՝ չեն հավատա։ Ոչ ընկեր, ոչ բարեկամ, ու թեև վերջիվերջո, տարիների հետ կհասնի նրան, որ չեն նեղացնի իրեն, այնուամենայնիվ, կմնա ոչ յուրային և հավերժորեն, տանջալիորեն կգիտակցի իր խորթացածությունը և մենությունը։ Այդ խորթացածությունն արվում է կալանավորների կողմից, երբեմն առանց նվազագույն չարության, այլ հենց այնպես, անգիտակցորեն։ Յուրային չէ, և ուրիշ ոչինչ։ Ավելի սարսափելի բան չկա, քան ապրելը ոչ իր միջավայրում։ Տագանռոգից Պետրոպավլովսկ տեղափոխված մուժիկը տեղնուտեղն այնտեղ կգտնի ճիշտ իր պես ռուս մուժիկի, իսկույն կհարմարվի և լեզու կգտնի նրա հետ, իսկ երկու ժամ անց, թերևս, կապրեն ամենահաշտ և խաղաղ եղանակով նույն խրճիթում, կամ նույն քողտիկում։ Նույնը չէ ազնվականի համար։ Հասարակ ժողովուրդը և նրանք բաժանված են խորունկ անդնդով, և դա լիովին ի հայտ է գալիս այն ժամանակ սոսկ, երբ ազնվատոհմն ինքը, արտաքին հանգամանքների բերումով, գործնականում իսկապես զրկվում է իր նախկին իրավունքներից և վերածվում հասարակ մեկի։ Թեև ամբողջ կյանքում ճանաչել եք ժողովրդին, թեկուզ քառասուն տարի անընդմեջ, ամեն օր շփվել եք հետները, ծառայության բերումով, ասենք, պայմանական-վարչական ձևերով, կամ նույնիսկ հենց այնպես, բարեկամաբար, որպես բարերար ու որոշ առումով հայր, երբեք բուն էությունը չեք իմանա։ Ամեն ինչ սոսկ տեսողական խաբկանք կլինի, ուրիշ ոչինչ։ Ես հո գիտեմ, որ բոլորը, բացարձակապես բոլորը, կարդալով իմ դիտողությունները, կասեն, թե չափազանցնում եմ։ Սակայն համոզված եմ, որ դրանք ճիշտ են։ Ես համոզվել եմ ոչ թե գրքերով, ոչ մտահայեցողաբար, այլ իրականում և բավական շատ ժամանակ եմ ունեցել համոզմունքներս ստուգելու համար։ Գուցեև հետագայում բոլորը կիմանան, թե ինչ աստիճանի իրավացի է դա...
Իրադարձությունները, ասես դիտավորյալ, առաջին քայլից հաստատեցին իր դիտարկումները, նյարդային եև հիվանդագին ազդեցություն թողնելով ինձ վրա։ Այն առաջին տարին ես թափառում էի բանտում համարյա մեն-մենակ։ Արդեն ասել եմ, որ այնպիսի հոդգեվիճակում էի, որ անգամ չէի լարող գնահատել և զատել այն տաժանապարտներին, ովքեր կարող էին ինձ սիրել, ովքեր սիրեցին հետագայում, թեև երբեք հավասարի պես չեղան։ Ընկերներ ունեի նաև ազնվականներից, սակայն հոգուս վրա ծանրացած բեռը չթեթևացրեց այդ ընկերությունը։ Թվում էր, թե չեմ նայի և ոչնչի, իսկ փախչելու տեղ չկար։ Եվ ահա, այն դեպքերից մեկը, օրինակ, որոնք առաջին իսկ անգամից առավելագույնս հասկացնել տվեցին ինձ իմ խորթացածությունը և բանտում իմ վիճակի առանձնահատկությունը։ Մի անգամ, այդ նույն ամռանը, արդեն օգոստոսին մոտ, արևոտ ու շոգ աշխատանքային մի օր, կեսօրվա ժամը, մեկին, երբ սովորականի պես բոլորը հանգստանում էին ետկեսօրյա աշխատանքից առաջ, հանկարծ ամբողջ տաժանավայրը մի մարդու պես ոտքի ելավ և սկսեցին շարվել բանտի բակում։ Ես ոչինչ չգիտեի մինչ այդ րոպեն։ Այն ժամանակ երբեմն այնքան էի խորասուզված լինում ինքս իմ մեջ, որ համարյա չէի նկատում, ինչ է կատարվում շուրջս։ Այնինչ, ամբողջ տաժանավայրն արդեն երեք օր խորունկ հուզմունքի մեջ էր։ Գուցեև շատ ավելի առաջ էր ծայր առել այդ հուզումը, ինչպես կռահեցի արդեն հետո, ակամա վերհիշելով ինչ֊ինչ բաներ կալանավորական խոսակցություններից, դրա հետ մեկտեղ նաեև կալանավորների սաստկացած կռվազանությունը, մռայլվածությունը և վերջերս հատկապես նկատվող չարացած վիճակը։ Ես դա վերագրում էի ծանր աշխատանքին, երկարուձիգ ամռան տրտում օրերին, անտառների և ազատարձակության շուրջ ակամա անուրջներին, կարճ գիշերներին, երբ դժվար էր կուշտ քուն առնելը։ Կարող է պատահել այդ ամենը հիմա մեկտեղվել էին մի պոռթկումի մեջ, սակայն այդ պոռթկումի առիթն ուտելիքն էր։ Վերջին ժամանակներս, արդեն քանի օր բարձրաձայն տրտնջում էին, զայրանում բանտասենյակներում և հատկապես խոհանոցում ճաշին և ընթրիքին, դժդոհ էին խոհարարներից, նույնիսկ փորձել էին փոխել նրանցից մեկին, սակայն տեղնուտեղը քշել էին նորին ու ետ բերել նախկինին։ Մի խոսքով, բոլորը մի տեսակ անհանգիստ վիճակում էին։
― Մեր գործը՝ ծանր, իսկ մեզ փորոտիքով են կերակրում,— կփնթփնթար մեկը խոհանոցում։
― Դուրըդ չի գալիս, բլամանժե պատվիրի,— կմիանար մյուսը։
― Տղերք, ես որ փորոտիքով շչի շատ եմ սիրում,— երրորդը մեջ կմտներ,— քանի որ համով է։
― Ամեն ժամանակ որ քեզ փորոտիք տան, համո՞վ կըլնի։
― Ճիշտ որ հիմի մսի ժամանակ է,— կասեր չորրորդը,— գործատեղը տանջվում, չարչարվում ենք, գործից հետո հոուտել չե՜ս ուզում։ Փորոտիքն էլ ի՜նչ ուտելիք։
― Փորոտիքով էլ չեղավ, ուրեմըս քափ ու քրտինքով։
― Թեկուզ էդ քափ ու քրտինքը վերցնենք։ Փորոտիք ու քրտինք՝ քոքել են մի գլուխ։ Էդ ի՞նչ ուտելիք է։ Արդարության կա՞ էստեղ, թե՝ չկա։
― Հա, կերը վատ է։
― Բայց ծոց ու ջեբ լցնում է։
― Էդ քո խելքի բանը չի։
― Բա ո՞ւմն է։ Փորը հո իմս է։ Այ, լրիվով մի բողոք֊պահանջ անեինք, գործ կըլներ, հա։
― Բողոք֊պահա՞նջ։
― Հա։
― Երևում է, էդ հախ ու պահանջի համար քեզ քիչ են մաշկել։ Սրտոտիս տեսեք։
― Էգ մեկը ճիշտ էր,— ավելացրեց մեկ ուրիշը փնթփնթալով, որ մինչ այդ լուռ էր,— չնայած շուտ կըլնի, բայց լավ չիլնի։ Էդ ի՞նչ ես ասելու բողոքիդ հետ, իմացար, առաջուց ասա, գլխիդ վրա ծործորակ կա՞։
― Ու կասեմ։ Թե որ լրիվս գնայինք, էդ ժամանակ լրիվի հետ կասեմ։ Աղքատություն է, ուրեմըս։ Մեզ մոտ մարդ կա, իր բերածն է ուտում, մարդ էլ կա՝ մենակ պետականի վրա է։
― Տես է, աչքը սուր, նախանձածս տուր։ Աչք ես տնկել ուրիշի ունեցածի վրա։
― Ուրիշի պատառին բերան մի պատռի, առավոտը շուտ վեր կաց, քո գործին կաց։
― Քո գործին կաց... Քեզ հետ մինչև օր ծերություն էդ գործի վրա կտամ-կառնեմ։ Ուրեմըն, դու հարո՞ւստ ես, որ ձեռներդ ծալած նստել ես ուզում։
― Մեր Երոշկան՝ ունևոր, շուն ու կատու ունի որ։
― Ճիշտ որ, տղերք, ինչ ենք նստել-մնացել։ Ուրեմըս, հերիք դրանց ախմախություններին դիմանանք։ Կաշի են մաշկում։ Ինչի՞ չգնանք։
― Ինչի՜։ Վայ թե ծամեն ու բերանդ դնեն, սովոր ես ծամածը կուլ տալ։ Ուրեմըս, աքսոր է, այ թե ինչի։
― Ինչ է դուրս գալիս Տեր Աստված, ժողովրդին կռվացրու, վոյեվոդներին կերցրու։
― Էդ է որ կա։ Լավ տռզել է ութաչքանին։ Մի ջուխտ մոխրի գույն ձի է առել։
― Խմել էլ չի՜ սիրում։
― Էրեկ չէ առաջին օրը իշի բժշկի հետ կռվեցին թուղթ խաղալու վրա։ Մինչև լուս շփշփացնում էին։ Մեր անտերը էրկու ժամ է դիմացել։ Ֆեդկան էր ասում։
― Դրանից էլ շչին քրտինքով են տալիս։
― էխ, անխելքներ։ Ախր, մեր եղածով դուրս գալ չիլնի։
― Էդ է, լրիվով դուրս գանք, տեսնենք, ինչ արդարացում կասի։ Ու պինդ էլ կանգնենք։
― Արդարացո՜ւմ։ Կբռնի ու կհասցնի ակռեքիդ, ու վերջ։
― Չասած, որ դատի էլ կտան...
Մի խոսքով, բոլորը խռովված էին։ Այն ժամանակ մեզ մոտ իսկապես վատն էր ուտելիքը։ Ու ամեն ինչ կուտակվել էր իրար վրա։ Իսկ գլխավորն ընդհանուր թախծաշատ տրամադրությունն էր, մշտական թաքուն տառապանքը։ Տաժանապարտը կռվազան է և բռնկուն արդեն իր բնույթով, սակայն բոլորը մեկտեղ կամ մեծ խմբով ընդվզում են սակավադեպ։ Դրա պատճառը մշտական տարաձայնությունն է։ Նրանցից ամեն մեկն ինքն էր զգում դա, ահա թե ինչու մեզ մոտ ավելի շատ կռվշտոց էր լինում, քան գործ։ Այդուհանդերձ, այդ անգամ հուզումը զուր չանցավ։ Սկսեցին հավաքվել խումբ֊խումբ, առնում֊տալիս էին բանտասենյակներում, լեզվակռիվ տալիս, չարացած վերհիշում մեր մայորի ամբողջ կառավարումը, ամեն ինչ ջրի երես էին հանում։ Հատկապես բորբոքվում էին մի քանիսը։ Նման ամեն գործում ի հայտ են գալիս պարագլուխներ, կառավարներ, և ոչ միայն բանտերում նման, այսինքն՝ պահանջի դեպքերում ընդհանրապես հիանալի մարդիկ են, և այլև բոլոր խմբերում, խմբակներում և այլն։ Առանձնահատուկ տիպ է դա, ամեն տեղ իրար նման։ Տաքարյուն, արդարության ծարավի, և ամենամիամիտ, ամենաազնիվ եղանակով հավատացած դրա անպայման, անխախտելի և գլխավորը՝ անհապաղ հնարավորությանը։ Այդ մարդիկ մյուսներից անխելք չեն, նրանց մեջ լինում են շատ խելացիներ, սակայն չափից ավելի հախուռն խորամանկ և հաշվենկատ լինելու համար։ Բոլոր դեպքերում, եթե լինում էլ են մարդիկ, ովքեր կարողանում են ճարպկորեն ուղղորդել զանգվածներին և շահել գործը, ապա նրանք ժողովրդական առաջնորդների և բնական պարագլուխների մի ուրիշ տեսակ են ներկայացնում, մեզանում չափազանց հազվադեպ տեսակ։ Բայց սրանք, ում մասին հիմա խոսում եմ, հայցապահանջների հրահրիչներն ու առաջատարները, համարյա միշտ տանուլ են տալիս գործը և դրա համար հետագայում բնակեցնում բանտերն ու տաժանավայրերը։ Հապշտապության պատճառով են նրանք տանուլ տալիս, բայց հենց դրանով էլ ազդեցություն ունեն զանգվածների վրա։ Նրանց ետևից, ի վերջո, հաճույքով են գնում։ Նրանց տաքարյունությունը և ազնիվ ընդվզումը ներազդում են բոլորի վրա, և վերջում նրանց են միանում ամենաանվճռականները։ Հաջողության հասնելու նրանց կույր վստահությունը գայթակղում է նույնիսկ ամենաարմատական հոռետեսներին, չնայած այդ վստահությունը երբեմն այնքան երերուն, այնքան մանկական հիմքեր է ունենում, որ մեկուսի ապշում ես, թե ինչպես գնացին նրանց ետևից։ Իսկ գլխավորն այն է, որ գնում են առաջինները, գնում են՝ ոչնչից չվախենալով։ Ցուլերի պես պոզերը տնկած, առաջ են նետվում հաճախ առանց գործի իմացության, առանց զգուշության, առանց այն գործնական ճիզվիտության, որով հաճախ նույնիսկ ամենաստոր և աղտոտված մարդը հաջողում է գործի մեջ, հասնում է նպատակին և չոր֊չոր ելնում ջրից։ Նրանք էլ անպայման կոտրում են կոտոշները։ Uովորական կյանքում այդ մարդիկ թունալի են, փնթփնթան, դյուրաբորբոք և անհանդուրժող։ Ամենից ավելի հաճախ՝ ահավոր սահմանափակ, ինչ, ի դեպ, մասամբ և գոյացնում է նրանց ուժը։ Նրանց մեջ ամենացավալին այն է, որ ուղղակի նպատակի փոխարեն նրանք հաճախ նետվում են խոտորնակի, գլխավոր գործի փոխարեն՝ մանրուքների ետևից։ Հենց դա էլ կործանում է նրանց։ Սակայն նրանք հասկանալի են զանգվածներին՝ դրա մեջ է նրանց ուժը... Իմիջիայլոց, հարկ է մի քանի խոսք էլ ասել այն մասին, թե այդ ի՞նչ է նշանակում ''հայցապահանջ''...
Մեր բանտում մի քանիսը կային, որոնք եկել էին հայցապահանջ ներկայացնելու համար։ Հենց նրանք էլ հուզվում էին բոլորից շատ։ Առանձնապես մեկը՝ Մարտինովը, որը նախկինում ծառայել էր որպես հուսար, տաքարյուն, անհանգիստ և կասկածամիտ մի մարդ, իմիջիայլոց, ազնիվ և արդարամիտ։ Մյուսը Վասիլիյ Անտոնովն էր, մի տեսակ պաղարյուն բորբոքվող, հանդուգն հայացքով, բարձրամիտ ծաղրական ժպիտով, արտակարգ զարգացած, ընդ որում՝ նույնպես ազնիվ ու արդարամիտ մեկը։ Սակայն բոլորին զատել չի լինի, շատ էին նրանք։ Ի դեպ, Պետրովն էր շարունակ ետուառաջ շարժվում, ականջ դնում բոլոր խմբակներին, քիչ էր խոսում, բայց ըստ երևույթին, խռովքի մեջ էր և առաջինը դուրս թռավ բանտասենյակից, երբ ելան՝ շարվելու։
Մեր բանտային ենթասպան, որը ֆելդֆեբելի պաշտոնն էր վարում մեզ մոտ, անմիջապես դուրս եկավ վախեցած։ Շարվելուց հետո, մարդիկ քաղաքավարի խնդրեցին նրան՝ ասել մայորին, որ տաժանավայրն ուզում է խոսել նրա հետ և անձամբ խնդրել մի շարք կետերի վերաբերյալ։ Ենթասպայի ետևից դուրս եկան նաև վերակացուներն ու շարվեցին մյուս կողմում, կալանավորների դիմաց։ Ենթասպային տված հանձնարարությունն անսովոր էր և սարսափահար արեց նրան։ Բայց անհապաղ չզեկուցել մայորին չէր համարձակվի։ Նախ, եթե արդեն ոտքի էր ելել տաժանավայրը, ապա կարող էր ավելի վատ բան ստացվել։ Մեր ամբողջ ղեկավարությունը տաժանավայրի կապակցությամբ մի տեսակ սաստիկ վախվորած էր։ Երկրորդը, եթե եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, այնպես որ բոլորն անմիջապես խելքի գային և ցրվեին, այդ ժամանակ նույնիսկ ենթասպան պարտավոր էր ամբողջ կատարվածի մասին անմիջապես զեկուցել ղեկավարությանը։ Գունատված և վախից դողդողալով, նա շտապ գնաց մայորի մոտ, նույնիսկ չփորձելով անձամբ հարցուփորձ անել և հորդորել կալանավորներին։ Նա տեսավ, որ հիմա իր հետ չեն էլ խոսի։
Կատարելապ ես չգիտենալով ոէինչ, ես նույնպես ելա շարվելու։ Գործի լրիվ մանրամասները իմացա արդեն հետո։ Իսկ հիմա մտածեցի, որ ինչ֊ինչ ստուգում է կատարվում, սակայն չտեսնելով պահախմբի զինվորներին, որոնք ստուգումն են անցկացնում, զարմացա և սկսեցի շուրջս նայել։ Դեմքերը հուզախռով էին և բորբոքված։ Ոմանք նույնիսկ գունատված էին։ Ընդհանրապես, բոլորը մտահոգ էին ե լուռ, սպասելով, որ հարկադրված են խոսել մայորի առաջ։ Նկատեցի, որ շատերն ինձ են նայում արտակարգ զարմանքով, սակայն լուռ շրջվում էին։ Ըստ երևույթին, տարօրինակ էր նրանց համար, որ շարք եմ կանգնել իրենց հետ։ Ակներև էր, որ չէին հավատում, թե ես նույնպես պահանջ ունեմ։ Եվ շուտով շուրջս կանգնած համարյա բոլորը նորից սկսեցին դիմել ինձ։ Բոլորը հարցական վրաս էին նայում։
― Դո՞ւ ինչ գործ ունես էստեղ,— կոպտորեն և բարձրաձայն հարցրեց Վասիլիյ Անտոնովը, որը մյուսներից հեռու էր կանգնած ինձնից և մինչ այս միշտ «դուք»-ով էր դիմում և ինձ հետ բարեկիրթ վարվում։
Նրան նայեցի տարակուսած, ասես ջանալով հասկանալ, թե դա ինչ է նշանակում և կռահելով, որ մի արտակարգ բան է կատարվում։
― Իսկականից, ի՞նչ ունես էստեղ կանգնելու։ Գնա սենյակ,— ասաց մի երիտասարդ, զինվորականներից էր, ում հետ մինչ այդ ծանոթ չէի, բարեսիրտ ու կարգին մեկը։— Սա քո խելքի բանը չի։
― Բայց չէ որ շարվում են,— պատասխանեցի,— կարծեցի՝ ստուգում է։
― Տես է՜, ինքն է դուրս սողացել,— բղավեց մեկը։
― Երկաթի կտուց,— ասաց մյուսը։
― Ճանճ սատկացնողներ,— վրա բերեց մյուսը, անպատմելի արհամարհանքով։ Այդ նոր մականունը համընդհանուր քրքիջ հարուցեց։
― Խոզանոցում էլ լավ հաշվի մեջ է,— ավելացրեց էլի ինչ֊որ մեկը։
― Դրանց համար ամեն տեղ էլ դրախտ է։ Էս բանտ տեղը կալաչ են ուտում ու խոզի ճուտ առնում։ Ախր, դու քո առածն ես ուտում, ինչ ես խցկվում էստեղ։
― Էստեղ ձեր տեղը չի,— սանձարձակ քայլքով մոտենալով ինձ, ասաց Կուլիկովը, ձեռքիցս բռնեց ու դուրս բերեց շարքի միջից։
Իսկ ինքը գունատված էր, սև աչքերը կայծկլտում էին և ներքևի շրթունքը խածած էր։ Նա սառնարյուն չէր սպասում մայորին։ Ի դեպ, ես շատ էի սիրում նայել Կուլիկովին նման դեպքերում, այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ նրանից պահանջվում էր ցույց տալ իրեն։ Ահավոր ձևեր էր թափում, բայց նաև գործն անում։ Ինձ թվում է, նա մահապատժի էլ կգնար որոշ շուքով, պճնամոլաբար։ Հիմա, երբ բոլորն ինձ ''դու'' էին ասում և հայհոյում, նա, ըստ երևույթին, դիտավորյալ կրկնապատկել էր բարեկրթությունն իմ նկատմամբ, իսկ դրա հետ մեկտեղ նրա խոսքերն էլ էին մի տեսակ առանձնապես, նույնիսկ բարձրամտորեն հետամուտ, ոչ մի առարկություն չընդունող։
― Ալեքսանդր Պետրովիչ, մենք էստեղ մեր գործին ենք, էստեղ անելու բան չունեք։ Գնացեք մի տեղ, սպասեք՝ վերջանա... Հրեն, ձերոնք լրիվ խոհանոցում են, գնացեք էնտեղ։
― Իններորդ սյան տակ, ուր անկրունկ Անտիպկան է ապրում,— մեջ ընկավ ինչ֊որ մեկը։
Խոհանոցի բարձրացրած պատուհանից իսկապես զանազանեցի մեր լեհերին, իմիջիայլոց, ինձ թվաց, որ այնտեղ, լեհերից բացի, շատ մարդ կա։ Մտահոգված, քայլեցի դեպի խոհանոց։ Քրքիջ, հայհոյանք և դոփյուն հնչեց ետևիցս (դոփյունով կալանավորները փոխարինում են սուլոցը)։
― Դուրը չեկանք... պա֊պա֊պա֊պա՜, բռնի դրան...
Մինչ այդ երբեք այդպիսի վիրավորանք չէի կրել բանտում, և այդ անգամ շատ ծանր էր ինձ համար։ Բայց այնպիսի մի պահի էի ընկել նրանց լեզվի տակ։ Խոհանոցի հաշտում հանդիպեցի Տ.-վսկուն՝ ազնվականներից էր, հաստատակամ և մեծահոգի մի երիտասարդ, ոչ շատ կրթված և անասելի սիրող Բ.֊ին։ Տաժանապարտները մնացած բոլորից զանազանում էին նրան և նույնիսկ մասամբ սիրում։ Քաջասիրտ էր, առնական և ուժեղ, և դա ինչ-որ կերպ երեում էր նրա յուրաքանչյուր շարժուձևի մեջ։
― Ի՞նչ է եղել, Գորյանչիկով,― բղավեց նա ինձ,— այստեղ եկեք։
― Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ։
― Նրանք հայցապահանջ են ներկայացնում, մի՞թե չգիտեք։ Հասկանալի է, չի հաջողվի նրանց՝ տաժանապարտներին հավատացո՞ղն ով է։ Կսկսեն փնտրել հրահրիչներին, և եթե մենք այնտեղ լինենք, հասկանալի է, առաջինը մեզ վրա կգցեն խռովության մեղքը։ Հիշեք, թե ինչի համար ենք եկել այնտեղ։ Նրանց պարզապես կճիպտեն, իսկ մեզ դատի կտան։ Մայորն ատում է բոլորիս և ուրախությամբ կկործանի։ Ինքն էլ մեզնով կարդարանա։
― Կալանավորներն էլ լրիվ կմատնեն մեզ,— ավելացրեց Մ.-ցկին, երբ մտանք խոհանոց։
― Մի անհանգստացեք, չեն խղճա,— հարեց Տ.֊վսկին։
Խոհանոցում, ազնվականներից բացի, շատ ժողովուրդ կար, ընդհանուրը՝ մի երեսուն հոգի։ Նրանք մնացել էին, չցանկանալով հայցապահանջ ներկայացնել, ոմանք՝ վախկոտությունից, ոմանք էլ ամենայն պահանթի կատարյալ անօգտակարության վճռական համոզմունքից։ Այստեղ էր նաև Ակիմ Ակիմիչը, ծառայության և բարեպաշտության ճիշտ հոսանքին խանգարող նման բոլոր պահանջների երդվյալ և բնական թշնամի։ Նա լուռ և չափազանց հանգիստ սպասում էր գործի ավարտին, նվազագույնս չանհանգստանալով ելքի համար, ընդհակառակը, կատարելապես հավատացած կարգուկանոնի և ղեկավարության կամքի անշրջելի հաղթանակին։ Այստեղ էր նաև Իսայ Ֆոմիչը, կանգնած արտակարգ տարակուսանքի մեջ, քիթը կախած, ագահորեն ու վախվորած ականջ դրած մեր ասածներին։ Մեծ անհանգստության մեջ էր նա։ Այստեղ էին բանտի բոլոր լեհուկները, որոնք, չնայած հասարակ ծագումին, միացել էին ազնվականներին։ Մի քանի երկչոտ անձնավորություններ էլ կային՝ ռուսներից, մշտապես լռակյաց ու ճնշված մարդիկ։ Չէին համարձակվել ելնել մյուսների հետ և հիմա տրտմագին սպասում էին, թե ինչով է ավարտվելու գործը։ Ի վերջո, կային մի քանի մռայլադեմ ու մշտապես խստադեմ կալանավորներ, որոնք վախեցողներից չէին։ Նրանք մնացել էին համառ և խորշական համոզմունքից, որ այդ ամենը փուչ բան է և վատից բացի, այդ գործից ուրիշ բան չի լինի։ Սակայն ինձ թվում է, այդուհանդերձ, մի տեսակ անհարմար էին զգում, ոչ ամենևին ինքնավստահ տեսք ունեին։ Թեև հասկանում էին, որ ծայրեծայր իրավացի են՝ պահանջների առումով, ինչև հաստատվեց հետագայում, այդուհանդերձ, իրենց մի տեսակ ուրացող, արտելը լքողներ էին համարում, ճիշտ ասես ընկերներին մատնել էին պլաց-մայորին։ Այստեղ էր հայտնվել նաև Յոլկինը, նույն այն սիբիրցի մուժիկը, որը դրամանենգության համար էր բանտարկվել և խլել անասնաբուժական գործը Կուլիկովից։ Ստարոդուբովյան արվարձանի ծերուկն էլ էր այստեղ։ Խոհարարները լրիվ, մեկ մարդու պես, մնացել էին խոհանոցում, հավանորեն, համոզված, որ իրենք ևս կառավարչության մի մասն են, հետևաբար և անհարմար է ելնել ղեկավարության դեմ։
― Սակայն,— անվճռական սկսեցի ես, դիմելով Մ.֊մին,― սրանցից բացի, բոլորը ելել են։
― Իսկ մե՞զ ինչ,— փնթփնթաց Բ.֊ը։
― Նրանցից հարյուր անգամ ավելի ռիսկի կգնայինք, եթե ելնեինք, իսկ ինչի համար։ Je hais ces brigands ''{Ատում եմ այդ ավազակներին (ֆրանս․)։}''։ Եվ մի՞թե թեկուզ մի պահ մտածում եք, թե նրանց պահանջածը կտան։ Այդ ի՞նչ հաճույք է՝ քիթը խոթել անհեթեթության մեջ։
― Սրանից ոչ մի բան դուրս չի գա,— հարեց տաժանապարտներից մեկը՝ համառ, ու չարացած ծերուկ էր։ Ալմազովը, որ այդտեղ էր, շտապեց համաձայնել՝ ի պատասխան։
― Բացի որ մի հիսուն հոգու կճիպտեն, ոչ մի րան էլ դուրս չի գա։
― Մայորն եկավ,— բղավեց ինչ֊որ մեկն ու բոլորս անհամբեր նետվեցինք պատուհանների մոտ։
Մայորը վրա պրծավ չարացած, կարմրատակած, կատաղած, ակնոցով էր։ Լուռ, բայց վճռական մոտեցավ շարքին։ Նման դեպքերում նա, իսկապես, համարձակ էր և չէր կորցնում հոգու արիությունը։ Իմիջիայլոց, միշտ խիստ հարբած էր։ Նույնիսկ նարնջագույն բոլորքով ճարպոտած գլխարկը և կեղտոտված արծաթագույն ուսապանակները չարագույժ ինչ֊որ բան ունեին իրենց մեջ։ Նրա ետևից գալիս էր գրագիր Դյատլովը, վերին աստիճանի կարևոր մի անձ մեր բանտում, որն ըստ էության, ամեն ինչ էր կառավարում բանտում և նույնիսկ ազդեցություն ուներ մայորի վրա, բավական խորամանկ մարդ էր, իր շահը շատ լավ գիտցող, բայց և ոչ վատ։
Կալանավորները գոհ էին նրանից։ Ետևից գալիս էր մեր ենթասպան, ակներևաբար արդեն հասցրած ստանալ ահավոր և տասն անգամ ավելին սպասվող պարսավանքը, նրա ետևից՝ պահախմբի զինվորները, երեք֊չորս հոգի, ոչ ավելի։ Կալանավորները, որոնք կանգնած էին գլխաբաց, հենց ուղարկեցին՝ մայորին կանչելու, բոլորն ուղղվեցին, ձգվեցին, ամենքը ոտքից ոտք էին ճոճվում, հիմա արդեն քարացան տեղներում, սպասելով առաջին բառին, կամ ավելի լավ է ասել բարձրագույն ղեկավարության առաջին բղավոցին։
Դա հետևեց անմիջապես, երկրորդ բառից մայորը բղավեց կոկորդով մեկ, այս անգամ նույնիսկ մի ուրիշ ծղրտոցով շատ-շատ էր փրփրած։ Պատուհաններից տեսնում էինք, թե ինչպես է վազում շարքի առջևով, վրա պրծնում, հարցաքննում։ Իմիջիայլոց, նրա հարցերը, նմանապես կալանավորական պատասխանները, հեռվության պատճառով, չէին լսվում։ Միայն լսում էինք, թե ինչպես է բղավում՝ ղժղժալով.
― Խռովարարնե՜ր... Անցկացնել շարքի միջո՜վ... Հրահրողնե՜ր։ Դո՛ւ ես հրահրիչը։ Դո՛ւ ես հրահրիչը,— վրա պրծավ ինչ֊որ մեկին։
Պատասխան չլսվեց։ Բայց մի րոպե անց տեսանք, ինչպես կալանավորը շարքից ելավ և շարժվեց դեպի կորդեգարդիա։ Մեկ րոպե էլ անց նրան հետեւեց հաջորդը, ապա՝ երրորդը։
― Բոլորին դատի տալ, ես ձեզ... Էն ովքե՞ր են խոհանոցում,— ղժղժաց նա, մեզ տեսնելով բաց պատուհանից։― Բոլորին՝ էստեղ, քշեք դրանց էստեղ, հենց հիմա։
Գրագիր Դյատլովը շարժվեց մեր կողմը, խոհանոց։ Այստեղ նրան ասացին, որ պահանջներ չունեն։ Նա անմիջապես գնաց ու զեկուցեց մայորին։
― Ա՛, չունե՜ն,— խոսեց նա երկու տոն ցածր, ըստ երևույթին, ուրախացած։— Սեկ է, բոլորին քշեք էստեղ։
Մենք դուրս եկանք։ Ես զգացի, որ մի տեսակ ամոթալի է մեզ համար դուրս գալը։ Եվ բոլորս էլ քայլում էինք գլխահակ։
― Ա՜, Պրոկոֆև։ Յոլկինն էլ է, էդ դու ես, Ալմազով։― Շարվեք, շարվեք էստեղ, խմբով,— ասաց մեզ մայորը մի տեսակ փութկոտ, սակայն փափուկ ձայնով, քնքշությամբ մեզ նայելով։— Մ․֊ցկի, դու էլ ես էստեղ... ըհը՛, ցուցակագրեք։ Դյատլով։ Հենց հիմա ցուցակագրեք, բոլոր գոհերին՝ առանձին, բոլոր դժգոհներին՝ առանձին, լրիվ բոլորին, ու ցուցակն ինձ բերեք։ Ես ձեզ բոլորիդ... դատի կտամ։ Ես ձեզ, խաբեբան եր։
Թուղթն ազդեցություն գործեց։
― Մենք գոհ ենք,— հանկարծ մռայլաձայն ասաց մեկը դժդոհների ամբոխի միջից, բայց մի տեսակ ոչ այնքան վճռական։
― Ա՜, գոհ եք։ Ո՞վ է գոհ։ Ով գոհ է, թող դուրս գա։
― Գո՜հ ենք, գո՜հ ենք,— ավելացան մի քանի ձայն։
― Գոհ եք, ուրեմն ձեզ հրահրե՞լ են, ուրեմն, հրահրիչներ, խռովարարնե՞ր են եղել։ Ավելի վատ իրենց համար...
― Տեր Աստված, սա ի՜նչ բան է,— հնչեց մի ձայն՝ ամբոխի միջից։
― Ո՞վ էր, ո՞վ բղավեց, ո՞վ,— թնդաց մայորը, նետվելով այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։— Դո՞ւ, Ռաստորգուև, դո՞ւ բղավեցիր։ Կորդեգարդիա՜։
Ռաստորգույևը՝ թեթևակի լխկած, բարձրահասակ մի երիտասարդ, ելավ շարքից ու դանդաղ շարժվեց դեպի կորդեգարդիա։ Բղավողն ամենևին էլ ինքը չէր, բայց որ իր անունն էին տվել, չհակաճառեց։
― Կշտությունից եք կատղել,— ետևից ոռնաց մայորը։— Տես է, հաստաքամակը, երեք օր չի․․․ Հիմի բոլորիդ կգտնեմ։ Ով գոհ է, դուրս եկեք։
― Գոհ ենք, ձերդ բարձր բարեծնություն,— մռայլորեն հնչեցին մի քանի տասնյակ ձայներ։ Մյուսները համառորեն լուռ էին։ Սակայն մայորին հենց դա էր պետք։ Ակներևաբար, նրան ձեռնտու էր շուտափույթ ավարտել գործը և մի կերպ վերջացնել համաձայնությամբ։
― Ա՜, հիմա բոլորն են գոհ,— խոսեց նա փութով։— Ես դա էլ տեսա... գիտեի։ Սա հրահրիչներն են։ Նրանց մեջ հաստատ հրահրիչներ կան,— շարունակեց նա, դիմելով Դյատլովին։— Դա պետք է մանրակրկիտ քննել ու պարզել։ Իսկ հիմա... հիմա գործի գնալու ժամանակն է։ Թմբկազա՜րկ։
Անձամբ ներկա եղավ գործաբաժանին։ Կալանավորները լուռ ու տրտում ցրվեցին ըստ գործատեղերի, ծայրահեղ դեպքում գոհ, որ շուտով աչքից հեռու գտնվեցին։ Բայց գործաբաժանից հետո մայորն անհապաղ գնաց կորդեգարդիա և պարզեց «հրահրիչների» հետ, ի դեպ, ոչ շատ դաժանաբար։ Նույնիսկ շտապում էր։ Հետո ասում էին, որ նրանցից մեկը ներողություն խնդրեց, և մայորը տեղնուտեղը ներեց նրան։ Երևում էր, որ մայորը մասամբ տեղը չէր գտնում և գուցե թե կարող է վախեցել էր նաև։ Հայզապահանջը, համենայն դեպս, նրբանկատ բան է, ու թեև կալանավորների գանգատը չէր կարոդ, ըստ էության, պահանջ կոչվել, քանի որ ներկայացրել էին ոչ բարձր ղեկավարությանը այլ իրեն՝ մայորին, բայց և այնպես մի տեսակ անհարմար էր, անդուր։ Հատկապես շփոթեցնում էր, որ ընդվզել էին բոլորը, միահամուռ։ Հարկ էր սքողել գործն ինչ գնով ուզում է լինի։ «Հրահրիչներին» շուտով ազատ արձակեցին։ Հաջորդ օրվանից սնունդը լավացավ, թեև, ի դեպ, ոչ երկար ժամանակ։ Առաջին օրերը մայորն ավելի հաճախ սկսեց բանտ մտնել և ավելի հաճախ գտնել կարգի խախտումներ։ Մեր ենթասպան շրջում էր մտահոգ և հունից ելած, կարծես չէր կարողանում ուշքի գալ զարմանքից։ Իսկ ինչ վերաբերում է կալանավորներին, ապա դրանից հետո դեռ երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ, բայց արդեն չէին ընդվզում առաջվա պես, այլ տագնապալի լուռումունջ էին, մի տեսակ մտազբաղ։ Ոմանք նույնիսկ գլխահակ էին։ Մյուսները փնթփնթում, թեև դժկամությամբ էին արձագանքում եղած ամեն ինչին։ Շատերը մի տեսակ չարացած և բարձրաձայն ձեռ էին առնում իրենք իրենց, ճիշտ կարծես մեղադրելով իրենց այդ հայցապահանջի համար։
― Առ հա, քեզ, կերա՞ք,— կասեր մեկնումեկը։
― Ինչ փրթես, էն կխրթես,— կավելացներ մյուսը։
― Էն մուկն ո՞ւր է, որ կատվի վզից զանգ էր կախելու,— կհարեր երկրորդը։
Մերպեսներն առանց կոպալի բան չեն հասկանա, ով չգիտի։ Լավ է դեռ, որ բոլորին չսխկեց։
― Դու էլ սրանից հետո շատ իմացար, քիչ դուրս տուր, ավելի լավ կըլնի,— չարացած կնշեր մեկ ուրիշը։
― Էդ ի՞նչ ես սովորացնում, դասատո՞ւ ես, տեսնեմ։
― Էդ է որ կա՝ սովորացնում եմ։
― Դո՞ւ որտեղից բսնեցիր։
― Ես որ հլա մարդ եմ, բա դո՞ւ ով ես։
― Շան ցկնած ես, այ թե ով ես։
― Ինքդ ես, որ կաս։
― Դե, դե, ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել, հերիք եղավ,— բոլոր կողմերից կբղավեին վիճողների վրա...
Այդ նույն երեկոյան, այսինքն պահանջ ներկայացնելու օրը, գործատեղից գալով, բանտասենյակների ետևում հանդիպեցի Պետրովին։ Նա ինձ էր փնտրում արդեն։ Մոտենալով, ինչ֊որ բաներ մրթմրթաց, երկու֊երեք անորոշ բացականչությունների նման, բայց շուտով մտացրիվ լռեց և մեքենայաբար քայլեց կողքիցս։ Այդ ամբողջ գործը դեռևս ցավագին ճնշում էր սիրտս և ինձ թվաց, թե Պետրովն ինչ֊որ բան կբացատրի։
― Ասացեք, Պետրով,— հարցրեցի նրան,— ձերոնք մեզ վրա չե՞ն բարկանում։
― Ո՞վ պիտի բարկանա,— հարցրեց ինքն իրեն, կարծես արթնանալով։
― Կալանավորները մեզ... ազնվականներիս վրա։
― Ինչի՞ համար բարկանան։
― Որ դուրս չեկանք պահանջի։
― Է, դո՞ւք ինչի պիտի պահանջ տայիք,— հարցրեց նա, կարծես կամենալով հասկանալ ինձ,— դուք ձեր առածն եք ուտում։
― Ահ, տեր Աստված, չէ որ ձերոնցից էլ կան, որ իրենցն են ուտում, բայց դուրս եկան։ Է՛, մենք էլ պիտի... ընկերությունից։
― Հա... բայց դուք մեզ ի՞նչ ընկեր,— հարցրեց նա տարակուսած։
Ես արագ նայեցի նրան, վճռականապես չէր հասկանում ինձ, չէր հասկանում, թե ուզածս ի՞նչ է։ Փոխարենը ես հասկացա իրեն այդ վայրկյանին կատարելապես։ Հիմա առաջին մի միտք, որ վաղուց տարտամ խլրտում ու հետապնդում էր ինձ, վերջնականապես բացահայտվեց, և ես մեկեն հասկացա այն, ինչ մինչ այդ չէի կռահում։ Հասկացա, որ ինձ երբեք չեն ընդունի ընկերության մեջ, թեկուզ ամենակալանավորը լինեի, թեկուզ հուր հավիտենական, թեկուզ հատուկ բաժանմունքից։ Բայց առանձնապես հիշողությանս մեջ մնաց Պետրովի տեսքն այդ պահին։ Նրա «դուք մեզ ի՞նչ ընկեր» հարցում այնպիսի մի ոչ շինծու պարզունակություն կար, այնքան բարեհոգի տարակուսանք։ Մտածեցի, թե այդ բառերի մեջ որևիցե հեգնանք, չարամտություն, ծաղր չկա՞ր։ Ոչինչ չկար, պարզապես ընկեր չես, ուրիշ ոչինչ։ Դու գնա քո ճանապարհով, իսկ մենք՝ մեր, դու քո գործերն ունես, մենք էլ՝ մեր։
Եվ իսկապես, պահանջից հետո ես մտածում էի, որ նրանք ուղղակի մեր կոկորդը կկրծեն և կյանք չի լինի մեզ համար։ Ամենևին, ոչ նվազագույն կշտամբանք, ոչ հանդիմանության ակնարկում չլսեցինք մենք, ոչ մի առանձին չարություն չավելացավ։ Պարզապես, հարմար առիթով քիչումիչ բզկտում էին, ինչպես նախկինում էին անում, ոչինչ ավելի։ Իմիջիայլոց, ամենևին չէին բարկանում նաև բոլոր նրանց վրա, ովքեր չէին կամեցել հայցապահանջ ներկայացնել և մնացել էին խոհանոցում, ճիշտ նույնպես էլ նրանց վրա, ովքեր առաջիններից էին բղավել, թե ամեն ինչից գոհ են։ Ոչ մեկն անգամ չհիշատակեց դա։ Հատկապես այդ վերջինը չէի կարողանում հասկանալ։
=== VIII։ Ընկերները ===
Իհարկե, ավելի շատ ինձ ձգում էին մերոնք, այն է՝ «ազնվականները», հատկապես առաջին շրջանում։ Սակայն բանտում գտնվող ռուս նախկին երեք ազնվականներից (Ակիմ Ակիմիչ, լրտես Ա.֊վր և նա, ում հայրասպան էին համարում) ճանաչում և խոսում էի միայն Ակիմ Ակիմիչի հետ։ Խոստովանեմ, ես մոտեցա նրան, այսպես ասած, հուսալքությունից, ամենասաստիկ տրտմության պահին, երբ արդեն ոչ մեկին մոտենալ չէր նախատեսվում, նրանից բացի։ Նախորդ գլխում փորձել եմ մեր բոլոր մարդկանց տեսակավորել, կարգերի բաժանել, սակայն հիմա, վերհիշելով Ակիմ Ակիմիչին, կարծում եմ, մի կարգ էլ կարելի է ավելացնել։ Ճիշտ է, մենակ նա էր այդ կարգում։ Կատարելապես անտարբեր տաժանապարտների տեսակն է։ Կատարելապես անտարբեր, այսինքն այնպիսիք, ում համար միևնույնն էր ապրել ազատության մեջ, թե բանտում, հարկավ չկային մեզ մոտ և չէին կարող լինել, բայց կարծում եմ, Ակիմ Ակիմիչը բացառություն էր։ Նույնիսկ բանտում էլ տնավորվել էր այնպես, ասես ամբողջ կյանքը պատրաստվում էր ապրել այդտեղ. նրան շրջապատող ամեն ինչ, սկսած ներքնակից, բարձերից, ամանեղենից, տեղը տեղին էին այնպես խիտ, այնքան կայուն։ Բացօթևանայինի, ժամանակավորի հետք իսկ չէր նկատվում։ Դեռևս շատ տարիներ ուներ բանտում մնալու, բայց հազիվ թե երբևէ մտածեր դուրս գալու մասին։ Սակայն եթե նա հաշտվել էր իրականության հետ, ապա հարկավ, ոչ սրտով, այլ թերևս ենթակարգումից, ինչ նրա համար, ի դեպ, միևնույնն էր։ Բարի մարդ էր և նույնիսկ օգնում էր ինձ սկզբում խորհուրդներով և մանր֊մունր ծառայություններով, սակայն երբեմն, մեղանչում եմ, ակամա այնպիսի անօրինակ թախիծ էր իջնում վրաս նրանից, հաակապես առաջին շրջանում, ինչից առավելապես էր սաստկանում առանց այդ էլ տրտմալի իմ հոգեվիճակը։ Հենց տրտմությունից էլ խոսքի էի բռնվում նրա հետ։ Լինում էր մեկ֊մեկ, որևէ կենդանի խոսքի ծարավի՝ թեկուզ մաղձոտ, թեկուզ անհամբեր, թեկուզ որևէ չարությամբ լի, մենք գոնե մեր բախտի վրա դառնանում էինք միասին, իսկ նա լռում էր, սոսնձում էր լապտերիկները կամ պատմում, ինչպիսի ստուգատես էր իրենց մոտ այսինչ թվականին, ով էր դիվիզիայի պետը, ինչպես էին անուն֊հայրանուն ով կոչում նրան, գոհ էր մնացել ստուգատեսից, թե՝ ոչ, ինչպես փոխվեցին հրաձիգների ազդանշանները և այլն։ Եվ այդ ամենն այնպիսի մի համաչափ, բարեպատշաճ ձայնով, ճիշտ ասես ջուր էր ծորում կաթիլ֊կաթիլ։ Նա նույնիսկ համարյա երբեք չէր ոգևորվում, երբ ինձ պատմում էր, թե Կովկասում ինչ֊որ գործողության մասնակցելու համար արժանացել էր «նուրբ Աննա» տարբերանշանը թրի վրա կրելու։ Լոկ ձայնն էր այդ պահին դառնում մի տեսակ առանձնապես ծանրումեծ և կշռավոր։ Թեթևակի իջեցնում էր ձայնը, նույնիսկ ինչ֊որ խորհրդավորության երանգով, երբ արտասանում էր «Սուրբ Աննա», և դրանից հետո մի երեք րոպե առանձնապես լռակյաց ու վեհատեսք դառնում... Այդ առաջին տարում լինում էին հիմար պահեր, երբ ես (ու միշտ էլ՝ մի տեսակ հանկարծակի) սկսում էի համարյա թե ատել Ակիմ Ակիմիչին հայտնի չէ, թե ինչու և լուռ նզովում ճակատագիրս, որ թախտաշարի վրա մեզ տեղավորել է գլուխ֊գլխի։ Սովորաբար, մեկ ժամ անց արդեն կշտամբում էի ինքս ինձ դրա համար։ Սակայն դա միայն առաջին տարում էր, հետագայում հոգով կատարելապես հաշտվեցի Ակիմ Ակիմիչի հետ և ամաչում էի նախկին հիմարություններիցս։ Իսկ երես֊երեսի, հիշում եմ, երբեք չվիճեցինք իրար հետ։
Այդ երեք ռուսներից բացի, բանտում լինելուս ընթացքում, ուրիշ ութը հոգի կային։ Ոմանց հետ շփվեցի բավականին մտերմավարի և անգամ հաճույքով, բայց ոչ բոլորի։ Նրանցից լավագույնները մի տեսակ ախտահարված էին, բացառիկներ ու ծայրաստիճան անհանդուրժող։ Երկուսի հետ հետագայում պարզապես դադարեցի խոսել։ Նրանց մեջ ուսյալները միայն երեքն էին՝ Բ.֊սկին, Մ.֊կին և ծերուկ Ժ.֊կին՝ նախկինում ինչ֊որ տեղ մաթեմատիկայի պրոֆեսոր էր եղել։ Բարի, լավ ծերուկ էր, մեծ խենթ, և չնայած լուրջ կրթվածությանը, կարծում եմ, ծայրաստիճան սահմանափակ մի մարդ։ Միանգամայն ուրիշ էին Մ.֊ը և Բ.֊ը։ Մ.֊ի հետ լավ մտերմացա միանգամից, երբեք չվիճեցի, հարգում էի, բայց սիրել, կապվել նրա հետ երբեք չէի կարող։ Խորապես չվստահող և չարացած մարդ էր, սակայն կարողանում էր զարմանալիորեն լավ տիրապետել իրեն։ Ահա և այդ չափից ավելի մեծ կարողությունն էլ դուր չէր գալիս, մի տեսակ զգացվում էր, որ երբեք և ոչ մեկի առաջ նա սիրտը չի բացի։ Իմիջիայլոց, գուցեև սխալվում եմ։ Ուժեղ և վերին աստիճանի ազնվաբարո բնավորություն ուներ։ Մարդկանց հետ նրա վարվեցողության արտակարգ, անգամ ճիզվիտական ճարպկությունն ու զգուշավորությունը երևցնում էին նրա քողարկված, խորունկ սկեպտիցիզմը։ Այնինչ, հենց այդ երկվությունից տառապող հոգի էր՝ սկեպտիցիզմը և խորքային անբեկանելի հավատն իր որոշ հատուկ համոզմունքների, հույսերի հանդեպ։ Սակայն և, չնայած իր կենցաղային համակ ճապկությանը, անհաշտ թշնամանք ուներ Բ.֊վի և նրա բաբեկամ Տ.֊սկիի հանդեպ։ Բ.֊ը հիվանդ, փոքր֊ինչ թոքախտի հակված մարդ էր, դյուրաբորբոք և նյարդային, բայց ըստ էության, անչափ բարի և անգամ մեծահոգի։ Նրա դյուրաբորբոքությունը երբեմն հասնում էր արտակարգ անհանդուրժողականության և քմահաճությունների։ Ես չդիմացա այդ բնավորությանը և հետագայում հեռացա Բ.֊ից, բայց չդադարեցի սիրել նրան, իսկ Մ.֊ի հետ թեև չվիճեցի, բայց երբեք չսիրեցի նրան։ Բ.֊ից բաժանվելով, այնպես եղավ, որ ես անմիջապես պիտի հեռանայի նաև Տ.֊սկիից, նույն այն երիտասարդից, ում մասին հիշատակել եմ նախորդ գլխում, մեր հայցապահանջի մասին պատմելիս։ Ինձ համար շատ ափսոս էր դա։ Տ.֊սկին թեև ուսյալ չէր, սակայն բարի, արիասիրտ, մի խոսքով փառավոր երիտասարդ էր։ Ամբողջ բանն այն էր, որ նա այնքան էր սիրում ու հարգում Բ.֊ին, այն աստիճան էր երկրպագում, որ բոլոր նրանց, ովքեր թեթևակի խզում էին կապերը Բ․֊ից, տեղնուտեղը գրեթե թշնամի էր համարում իրեն։ Նա Մ.֊ից էլ հետագայում կարծեմ հեռացավ Բ.֊ի պատճառով, թեև երկար ժամանակ քաջալերում էր իրեն։ Իմիջիայլոց, նրանք բոլորն էլ բարոյապես հիվանդ, քինոտ, դյուրաբորբոք, չվստահող մարդիկ էին։ Հասկանալի էր. նրանց համար շատ ծանր էր, շատ ավելի ծանր, քան մեզ համար։ Հեռու էին իրենց հայրենիքից։ Ոմանք աքսորված էին երկար ժամկետներով, տասը, տասներկու տարով, իսկ գլխավորը՝ խորապես կանխակալ հայացքով էին նայում շրջապատող բոլորին, տաժանապարտների մեջ տեսնելով սոսկ գազանություն ու չէին կարող, անգամ չէին կամենում նրանց մեջ զանազանել գեթ մի բարի գիծ, մարդկային և ոչ մի բան, ինչը նույնպես շատ էր հասկանալի. այդ տարաբախտ տեսակետին նրանց հանգեցրել էին հանգամանքների ուժը, ճակատագիրը։ Հստակ է, որ թախիծը նրանց խեղդում էր բանտում։ Չերքեզների, թաթարների, Իսայ Ֆոմիչի հետ սիրալիր էին և բարյացակամ, սակայն խորշանքով խուսափում էին մյուս բոլոր տաժանապարտներից։ Մեն միայն ստարոդուբցի հնածիսականն էր վայելում նրանց համակ հարգանքը։ Ի դեպ, հատկանշական է, որ տաժանապարտներից ոչ մեկը, ամբողջ այն ընթացքում քանի դեռ բանտում էի, չկշտամբեց նրանց ո՛չ ծագման, ո՛չ հավատքի, ո՛չ մտածելակերպի համար, ինչ դրսևորում է մեր հասարակ ժողովուրդն օտարերկրացիների, գերազանցապես գերմանացիների նկատմամբ, թեև ի դեպ, շատ հազվադեպ։ Իմիջիայլոց, գերմանացիների վրա թերևս ծիծաղեն սոսկ, գերմանացին իրենից ներկայացնում է խորապես կոմիկական ինչ֊որ բան ռուս հասարակ մարդու համար։ Իսկ մեր գերմանացիների հետ տաժանապարտները վարվում էին նույնիսկ հարգալիր, շատ ավելի, քան մեզ՝ ռուսներիս հետ, և բոլորովին ''ձեռ չէին տալիս''։ Սակայն սրանք, թվում է, երբեք չէին ուզում նկատել և գիտակցել դա։ Ես ասացի Տ.֊սկու մասին։ Դա նա էր, որ երբ առաջին աքսորավայրից նրանց տեղափոխում էին մեր բերդը, Բ.֊ին ձեռքերի վրա էր բերել համարյա ամբողջ ճանապարհը, երբ սա թուլակազմ և տկար, հոգնել էր կալաներթի կեսից։ Սկզբում նրանց ուղարկել էին Ու.-գորսկ նրանք պատմում էին, որ այնտեղ իրենց համար լավ էր, այսինքն՝ շատ ավելի լավ, քան մեր բերդում։ Սակայն նրանք սկսել էին ինչ֊որ, ի դեպ, միանգամայն անմեղ նամակագրություն ուրիշ աքսորյալների հետ, ուրիշ մի քաղաքից, այդ պատճառով էլ հարկ էին համարել նրանցից երեքին տեղափոխել մեր բերդը՝ ավելի մոտ բարձրագույն ղեկավարության աչքին։ Նրանց երրորդ ընկերը Ժ.-ն էր։ Մինչ նրանց գալը Մ.-ը միակն էր բանտում։ Եվ ինչպե՜ս պիտի թախծեր իր աքսորի առաջին տարում։
Այդ Ժ.֊ն Աստծուն հավերժորեն աղոթող ծերուկն էր, ում մասին արդեն հիշատակել եմ։ Մեր բոլոր քաղաքական հանցագործները ջահելներ էին, ոմանք՝ նույնիսկ շատ ջահել։ Միայն Ժ.-ն էր արդեն հիսունն անց։ Հարկավ, ազնիվ մարդ էր, բայց փոքր֊ինչ տարօրինակ։ Նրա ընկերները՝ Բ.-ն և Տ.-ը չէին սիրում նրան շատ, նույնիսկ չէին խոսում հետը, նրա մասին ասելով, թե կամակոր է և կռվազան։ Չգիտեմ, որքան էին իրավացի տվյալ դեպքում։ Բանտում, ինչպեսև ամեն ուրիշ տեղ, ուր մարդիկ խմբվում են ոչ կամովին, այլ ստիպողաբար, ինձ թվում է, ավելի շուտ կարելի է կռվշտել և նույնիսկ ատել միմյանց, քան ազատության մեջ։ Շատ հանգամանքներ են նպաստում դրան։ Իմիջիայլոց, Ժ.-ը բավականին բթամիտ էր, գուցեև անդուր։ Մնացած բոլոր ընկերները նույնպես յոլա չէին գնում նրա հետ։ Թեև չկռվեցի նրա հետ, բայց առանձնապես էլ չմտերմացա։ Իր առարկան՝ մաթեմատիկան, կարծեմ թե գիտեր։ Հիշում եմ իր կիսառուսերենով շարունակ ջանում էր բացատրել ինչ-որ մի հատուկ, իր իսկ հորինած աստղագիտական համակարգ։ Ինձ ասել էին, որ մի Ժամանակ դա տպագրել է, բայց գիտական աշխարհում ընդամենը ծիծաղել էին։ Ինձ թվում է, խելքը թեթևակի թռցրել էր։ Օրեր ի վեր նա ծնկաչոք աղոթում էր Աստծուն, որով ձեռք էր բերել ամբողջ տաժանավայրի ընդհանուր հարգանքը, ինչը և վայելեց մինչև իր կյանքի վերջը։ Նա մահացավ մեր հոսպիտալում, ծանր հիվանդությունից հետո, իմ աչքի առաջ։ Իմիջիայլոց, տաժանապարտների հարգանքը նա վաստակել էր առաջին իսկ քայլից մեր բանտում, պլաց֊մայորի հետ իր պատմությունից հետո։ Ու.֊գորսկից մինչև մեր բանտն ընկած ճանապարհին նրանց չէին սափրել, մորուքներն աճել էին, այնպես որ, երբ նրանց բերել էին ուղիղ մեր մայորի մոտ, ապա վերջինս կատաղել֊մոլեգնել էր աստիճանակարգության նման խախտման վրա, ինչում նրանք ամենևին մեղավոր չէին։
― Այս ի՜նչ տեսք ունեն սրանք,— թնդացել էր մայորը։— Սրանք թափառաշրջիկներ են, ավազակներ։
Ժ.֊ը, որ այն ժամանակ վատ էր հասկանում ռուսերեն ու կարծել էր, թե հարցնում են ովքե՞ր են իրենք, թափառաշրջիկներ, թե ավազակներ, պատասխանել էր.
― Մենք թափառաշրջիկներ չենք, այլ քաղաքական հանցագործներ։
― Ի֊իիի՞նչ։ Դու կոպտո՞ւմ ես, կոպտո՞ւմ ես,— ոռնացել էր մայորը։ Կորդեգարդիա՜, հարյուր ճիպտազարկ, անմիջապես, հենց հիմա՛։
Ծերունուն պատժել էին, անծպտուն պառկել էր ճիպոտների տակ, ձեռքն ատամներով կծել ու դիմացել էր ճիպտածեծին, առանց որևէ բղավոցի կամ տնքոցի, անշարժ։ Բ.֊ն և Տ.֊ն այդ ընթացքում արդեն մտել էին բանտ, ուր Մ.֊ն արդեն սպասել էր դարպասի մոտ և նետվել՝ նրանց վզից կախվելու, թեև մինչ այդ երբեք չէր տեսել նրանց։ Մայորի ընդունելությունից ցնցված, Ժ.֊ի մասին ամեն ինչ պատմել էին։ Հիշում եմ, ինչպես էր Մ.֊ը պատմում ինձ այդ մասին. «Ես կատաղած էի,― ասում էր նա,― չէի հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ, դողացնում էի, ինչպես տենդի մեջ։ Uպասում էի Ժ.֊ին դարպասի մոտ։ Նա պիտի գար կորդեգարդիայից, ուր պատժել էին իրեն։ Հանկարծ բացվեց դռնակը։ Ժ.֊ը, չնայելով ոչ ոքի, գունաթափ դեմքով և դողդոջուն, սպրդնած շրթունքներով, անցավ բակում հավաքված կալանավորների միջով, որոնք արդեն իմացել էին, որ ազնվական են պատժում, գնաց բանտասենյակ, ուղիղ իր տեղը և ոչ մի բառ չասելով, սկսեց ծնկաչոք աղոթել Աստծուն։ Տաժանապարտներն ապշած էին և նույնիսկ հուզված։ Հենց տեսա այդ ծերունուն,— ասաց Մ․֊ը,― ալեհեր, ծննդավայրում թողած կնոջը, զավակներին, հենց տեսա նրան ծնկաչոք, խայտառակ կերպով պատժված ու աղոթող, դուրս պրծա բանտասենյակների ետևը և ամբողջ երկու ժամ ասես ցնորված լինեի, ես փրփել էի»․․․ Տաժանապարտները սկսեցին շատ հարգել ժ.-ին այդ օրվանից և նրան միշտ հարգանքով էին վերաբերվում։ Նրանց հատկապես դուր էր եկել, որ պատժվողը չէր գոռացել ճիպոտների տակ։
Սակայն հարկ է ասել ամբողջ ճշմարտությունը. սույն օրինակներով ամենևին չի կարելի դատել Սիրիր աքսորված ազնվականների հանդեպ ղեկավարության վերաբերմունքի մասին, ով էլ լինեին աքսորյալները՝ ռուս, թե լեհ։ Օրինակը սոսկ ցույց է տալիս, որ կարելի է դեմ առնել չարամիտ մարդու, և իհարկե, եթե նման մարդը որևէ տեղ առանձին կամ ավագ հրամանատար է, ապա աքսորյալի ճակատագիրն այն դեպքում, եթե աքսորյալին հատկապես չսիրեր այդ չարակամ հրամանատարը, շատ վատ ապահովված կլիներ նա։ Բայց չի լինի չխոստովանել, որ Սիբիրում ամենավերին ղեկավարությունը, ումից կախված էր մնացյալ բոլոր հրամանատարների տոնը և տրամադրվածությունը, աքսորյալ ազնվականների հանդեպ շատ է խտրական և առանձին դեպքերում նույնիսկ ջանում է զիջողություններ անել նրանց, մյուս տաժանապարտների՝ հասարակ ժողովրդի համեմատությամբ։ Պատճառները հստակ են. բարձրագույն պետերը, նախ և առաջ, իրենք էլ են ազնվականներ, երկրորդը, դեռևս նախկինում էր պատահել, որոշ ազնվականներ չէին պառկել ճիպոտների տակ և հարձակվել պատժողների վրա, ինչից սարսափելի բաներ էին եղել, իսկ երրորդը, ինձ թվում է, գլխավորն է դա՝ արդեն վաղուց, դեռևս երեսունհինգ տարի դրանից առաջ, հանկարծ միանգամից Սիբիրում էին հայտնվել աքսորյալ ազնվականների զանգվածներ, և հենց այդ աքսորյալները երեսուն տարվա ընթացքում կարողացել էին այնպես դրսևորել իրենց ամբողջ Սիբիրում, որ ղեկավարությունն արդեն հնուց եկած, ժառանգած սովորությամբ, իմ ժամանակ հայտնապես ուրիշ աչքերով էր նայում ազնվական հանցագործներին, քան մյուս բոլոր աքսորյալներին։ Բարձրագույն ղեկավարությանը հետևելով, վարժվել էին այդ նույն աչքերով նայել նաև ստորին հրամանատարները, հարկավ, փոխառնելով այդ հայացքը և տոնը վերևից, հպատակվելով, ենթարկվելով դրան։ Ի դեպ, ստորին հրամանատարներից շատերը բութ հայացքով նայում, քթի տակ քննադատում էին վերևից իջած կարգադրությունները և շատ, շատ ուրախ կլինեին, եթե միայն իրենց չխանգարեին տնօրինել յուրովի։ Բայց նրանց ամենևին թույլ չէին տալիս։ Ես հաստատ հիմքեր ունեմ այդպես կարծելու, և ահա, թե ինչու։ Տաժանակրության երկրորդ կարգը, որտեղ գտնվում էի ես և կազմված էր բերդի կալանավորներից՝ զինվորական ղեկավարության ներքո, անհամեմատելի ծանր էր մնացյալ երկու կարգերից, այն է՝ երրորդից (գործարանային) և առաջինից (հանքային)։ Ծանր էր ոչ միայն ազնվականների, այլև բոլոր կալանավորների համար հենց այն պատճառով, որ այդ կարգում ղեկավարությունը և կառուցվածքն ամբողջապես զինվորական էր, շատ նման Ռուսաստանի կալանավորական վաշտերին։ Զինվորական ղեկավարությունն ավելի խիստ էր, կարգերը՝ նեղող, միշտ շղթայված, միշտ պահախմբի հսկողության ներքո, միշտ փակի տակ։ Իսկ դա նման ուժով չկա մյուս երկու կարգերում։ Համենայն դեպս, այդպես էին ասում մեր բոլոր կալանավորները, իսկ նրանց մեջ կային գործի գիտակներ։ Նրանք բոլորը մեծ ուրախությամբ կգնային առաջին կարգաբաժին, որն օրենքներում համարվում էր ծանրագույն, և նույնիսկ բազմիցս երազում էին դա։ Ռուսաստանում կալանավորական վաշտերի մասին, բոլոր նրանք, ովքեր եղել էին այնտեղ, խոսում էին զարհուրանքով և հավատացնում, որ Ռուսաստանում ավելի ծանր տեղ չկա, քան կալանավորական վաշտերն են՝ բերդերում, և որ այնտեղի կյանքին համեմատած, Սիբիրում դրախտ է։ Հետևաբար, այնպիսի խիստ պայմաններում, ինչպես մեր բանտում, զինվորական ղեկավարության ներկայությամբ, անձամբ գեներալ-նահանգապետի աչքի առաջ և ի վերջո, այդպիսի դեպքերի պարագային (երբեմն պատահող), մի քանի կողմնակի, սակայն պաշտոնական անձինք, չարամտորեն կամ ծառայողական ջանադրությունից, պատրաստ էին գողունի հայտնել ուր հարկն է, որ իբր այս֊այս կարգի հանցագործներին այսինչ֊այնինչ անբարեմիտ հրամանատարները զիջողություններ են անում, եթե այդպիսի մի տեղում, ասում եմ, ազնվական֊հանցագործներին նայում էին փոքր֊ինչ ուրիշ աչքերով, քան մյուս տաժանապարտներին, առավել ևս՝ առավել արտոնյալ առաջին և երկրորդ կարգերում։ Հետևաբար, ըստ այն տեղի, ուր ես էի գտնվում, ինձ թվում է, կարող եմ այդ առումով դատել ամրողջ Սիբիրի մասին։ Դրա վերաբերյալ բոլոր լուրերն ու պատմությունները, որ հասնում էին ինձ առաջին և երկրորդ կարգի աքսորյալներից, հաստատում էին իմ եզրահանգումը։ Իսկապես էլ, բոլոր ազնվականներիս մեր բանտում ղեկավարությունը նայում էր առավել ուշադիր և զգուշավոր։ Գործի և ապրուստի խնդրում կտրականապես չկար որևէ զիջողություն. նույն աշխատանքները, նույն կալանդները, նույն կողպեքները, մի խոսքով, ամեն բան նույնը, ինչ բոլոր կալանավորներինը։ Թեթևացնել էլ չէր կարելի։ Ես գիտեմ, որ այդ քաղաքում, ''ոչ ուշ անցյայում'' այնքան մատնիչներ կային, այնքան խարդավանք, այնքան միմյանց տակ փոս փորողներ, որ ղեկավարությունը, բնականաբար, վախենում էր մատնությունից։ Իսկ այն ժամանակ ինչն ավելի սարսափելի կլիներ մատնությունից, թե հայտնի կարգի հանցագործներին զիջողություններ են անում։ Այդպիսով, ամեն ոք վախենում էր, և մենք ապրում էինք բոլոր տաժանապարտներին հավասար, սակայն մարմնական պատժի վերաբերյալ որոշ բացառություն կար։ Ճիշտ է, մեզ շատ կարգին էլ կճիպտեին, եթե արժանի լինեինք, այսինքն մեղավոր լինեինք որևիցե խնդրում։ Դա էր պահանջում ծառայության և հավասարության պարտքը՝ մարմնական պատիժների առումով։ Բայց հենց այնպես, զուր տեղը, թեթևամտորեն չէին ճիպտի, իսկ հասարակ կալանավորների նկատմամբ նմանօրինակ թեթևամիտ վերաբերմունք, հարկավ, պատահում էր, առանձնապես որոշ կրտսեր հրամանատարների և ամեն հարմար առիթով կարգադրելու և վախ ներշնչելու սիրահաների օրոք։ Մեզ հայտնի էր, որ պարետը, իմանալով ծերունի Ժ.֊ի պատմության մասին, շատ էր բարկացել մայորի վրա և հանդիմանել, որ բարի լինի հետագայում ձեռքերին ազատություն չտալ։ Ինձ այդպես պատմեցին բոլորը։ Մեզ մոտ գիտեին նաև, որ ինքը՝ գեներալ֊նահանգապետը, որ վստահում էր մեր մայորին ու մասամբ էլ սիրում, որպես որոշ ընդունակությունների տեր, ճշտակատար մարդու, իմանալով այդ պատմության մասին, նույնպես նկատողություն էր արել նրան։ Եվ մեր մայորն ընդունել էր դա ի գիտություն։ Օրինակ, ինչպես կուզեր ձեռքը գցել Մ.֊ին, ում ատում էր Ա.֊ի մատնությունների պատճառով, բայց ոչ մի կերպ չէր կարողանում նրան ճիպտել տալ, թեև առիթ էր որոնում, դեսուդեն քշում նրան և պատրվակ փնտրում։ Ժ.֊ի պատմության մասին իմացավ ամբողջ քաղաքը, և ընդհանուր կարծիքը մայորի դեմ էր։ Շատերն էին նրան կշտամբում, ոմանք նույնիսկ տհաճություններով։ Հիշում եմ հիմա նաև իմ առաջին հանդիպումը պլաց֊մայորի հետ։ Մեզ, այսինքն, ինձ և մեկ ուրիշ աքսորյալի, ում հետ միասին բանտ մտանք, դեռևս Տոբոլսկում վախեցրել էին այդ մարդու անդուր բնավորության մասին պատմություններով։ Այդ ժամանակ այնտեղ գտնվող շատ հին, քսանհինգամյա ժամկետով աքսորյալները ազնվականներից, որոնք մեզ ընդունել էին խոր համակրանքով և ամբողջ ժամանակ շփումներ ունեին մեզ հետ, քանի դեռ նստած էինք կալանառաք կետում, զգուշացնում էին մեր ապագա հրամանատարից և խոստանում անել ամեն բան, ինչ սոսկ կարող էին, ծանոթ մարդկանց միջոցով մեզ պաշտպանելու նրա հանդիպումներից։ Իսկապես էլ, գեներալ֊նահանգապետի երեք դուստրերը, որոնք այն ժամանակ հյուր էին եկել Ռուսաստանից իրենց հորը, նրանցից նամակներ էին ստացել և կարծեմ, թե խոսել էին հոր հետ մեր օգտին։ Սակայն ի՞նչ կարող էր անել նա։ Միայն ասել էր մայորին, որ մի քիչ բծախնդիր լինի։ Ցերեկվա ժամը երեքին մոտ մենք, այսինքն ես և ընկերս, հասանք այդ քաղաքը, և զինվորները մեզ տարան ուղիղ մեր տիրակալի մոտ։ Կանգնած էինք նախասենյակում, սպասելով նրան։ Այդ ընթացքում արդեն մարդ էին ուղարկել, բանտային ենթասպային կանչելու։ Հենց նա հայտնվեց, դուրս եկավ նաև պլաց֊մայորը։ Կաս֊կարմիր, բշտիկապատ և չար դեմքը մեզ վրա թողեց արտակարգ տրտմալի տպավորություն, ճիշտ կարծես մի չար սարդ վազեց ոստայնն ընկած խեղճ ճանճի վրա։
― Անունդ ի՞նչ է,— հարցրեց նա ընկերոջս։ Խոսում էր արագ֊արագ, չոր, կտրուկ, ակներև էր, որ ցանկանում է տպավորություն գործել մեզ վրա։
― Այսինչ֊այսինչ։
― Քո՞նը,— շարունակեց, դիմելով ինձ, վրաս հառած ակնոցը։
― Այսինչ-այսինչ։
― Ենթասպա, անմիջապես տարեք բանտ, կորդեգարդիայում ածիլեք քաղաքացիների պես, գլխի կեսը, կալանդները հագցրեք վաղն ևեթ։ Այդ ի՞նչ շինելներ են, որտեղի՞ց եք ստացել,— հարցրեց հանկարծ, ուշադրություն դարձնելով մեջքին դեղին շրջանակով մեր շինելներին, որ Տոբոլսկում էինք ստացել, դրանցով էլ ներկայացել նրա պայծառ տեսությանը,— նոր համազգեստ է։ Հավանաբար, մի նոր համազգեստ է... Դեռ նախատեսվում է... Պետերբուրգից...— խոսում է նա, հերթով դեսուդեն դարձնելով մեզ։— Հետները ոչինչ չունե՞ն,— մեկեն հարցրեց մեզ հսկող ժանդարմին։
― Սեփական հագուստ ունեն, ձերդ բարձր բարեծնություն,— պատասխանեց ժանդարմը, մի տեսակ ակնթարթորեն ձգվելով, նույնիսկ թեթևակի դողով։ Նրան բոլորը ճանաչում էին, բոլորը նրա մասին լսել էին, նա բոլորին վախեցնում էր։
― Ամեն ինչ վերցնել։ Նրանց տալ միայն սպիտակեղեն, այն էլ սպիտակ, գունավորը եթե կա, վերցնել։ Մնացած ամեն ինչ ծախել աճուրդով։ Փողը մուտքագրել։ Կալանավորը սեփականություն չունի,— շարունակեց նա, խստությամբ մեզ նայելով։— Տեսեք հա, ձեզ լավ կպահեք, որ ոչինչ չլսեմ։ Թե չէ․․․ մարմ-նա-կան պա-տիժ։ Ամենափոքր զանցանքի համար ճի՛պ֊պտա՛-հա՛֊րե՛լ․․․
Այդ ամբողջ երեկո անսովորությունից համարյա հիվանդ էի, այդ ընդունելության պատճառով։ Ի դեպ, տպավորությունս սաստկացել էր նաև այն ամենից, ինչ տեսել էի բանտում, սակայն իմ բանտ մտնելու մասին արդեն պատմել եմ։
Ես նոր հիշատակեցի, որ մեզ ոչ մի զիջողություն չէին անում և չէին համարձակվի անել, ոչ մի թեթեացում գործի մեջ՝ մնացյալ կալանավորների համեմատությամբ։ Բայց մեկ անգամ փորձեցին անել․ ես և Բ․-ն լրիվ երեք ամիս գնում էինք ինժեներական գրասենյակ, որպես գրագիրներ։ Սակայն դա արեցին ծածուկ-գողունի, ինժեներական ղեկավարությունն էր անում։ Այսինքն, մնացած բոլորը, թերևս ում հարկն էր, գիտեին, բայց ձևացնում էին, թե չգիտեն։ Դա եղավ դեռևս խմբի հրամանատար Գ.֊կովի օրոք։ Փոխգնդապետ Գ.֊ը մեզ մոտ էր ընկել ասես երկնքից, շատ քիչ մնաց մեզ մոտ, եթե չեմ սխալվում, կես տարուց ոչ ավելի, նույնիսկ ավելի քիչ, և մեկնեց Ռուսաստան, անսովոր տպավորություն գործելով բոլոր կալանավորների վրա։ Նրան ոչ թե սիրում էին կալանավորները, երկրպագում էին, եթե միայն այդ բառը կարելի է օգտագործել այստեղ։ Ինչպես էր դա արել, չգիտեմ, բայց գրավել էր նրանց առաջին անգամից։ «Հոր պես է, հոր պես, ուրիշ ծնող պետք չէ»,— րոպեն մեկ ասում էին կալանավորները, ինժեներական բաժնի նրա կառավարման ամբողջ ընթացքում։ Կարծեմ, թե ահավոր ուտող֊խմող էր։ Կարճահասակ, հանդուգն, ինքնավստահ հայացքով։ Բայց դրա հետ մեկտեղ, սիրալիր էր կալանավորների հետ, համարյա թե քնքշության աստիճան, և իրոք, հոր պես էր սիրում նրանց։ Թե ինչու էր այդչափ սիրում կալանավորներին, ասել չեմ կարող, սակայն նա չէր կարող տեսնել կալանավորին և մի սիրալիր, ուրախ բան չասել նրան, չծիծաղել նրա հետ, չկատակել, և գլխավորը՝ դրա մեջ ղեկավարման որևէ բանի կաթիլ անգամ չկար, անհավասար կամ զուտ ղեկավարական հոգածություն նշանակող թեկուզ որևէ մանրուք։ Յուրային ընկեր էր, յուրային մարդ՝ վերին աստիճանի։ Սակայն, չնայած նրա այդ ամբողջ բնազդական ազատականությանը, կալանավորները և ոչ մի անգամ չմեղանչեցին նրա դեմ որևիցե անհարգալիր, ընտանեվարի վարմունքով։ Ընդհակառակը։ Միայն կալանավորի ամբողջ դեմքը կշողար՝ հրամանատարին հանդիպելիս, և հանելով գլխարկը, ժպտադեմ կնայեր, երբ նա մոտենար իրեն։ Իսկ եթե խոսք բացեր, ասես նվեր կաներ։ Այդպիսի հանրահռչակ մարդիկ լինում են։ Տեսքը՝ կտրիճական, քայլում էր ուղիղ, անթեք։ «Արծի՛վ է, արծի՜վ»,— նրա մասին կասեին կալանավորները մեկ֊մեկ։ Բայց վիճակը թեթևացնել, հարկավ, ոչնչով չէր կարող, նա տնօրինում էր միայն ինժեներական աշխատանքները, որոնք բոլոր հրամանատարների օրոք ընթանում էին իրենց ամենօրյա, մեկընդմիշտ հաստատված կարգով։ Գուցե միայն, պատահմամբ հանդիպելով խմբին գործատեղում և տեսնելով, որ գործն ավարտված է, ավել ժամանակ չէր պահի և կարձակեր, նախքան թմբկազարկը։ Սակայն դուր էր գալիս նրա վստահությունը կալանավորի նկատմամբ, մանր-մունր բծախնդրության և բորբոքվածության բացակայությունը, իշխանավորի հարաբերություններում այլևայլ վիրավորական ձևերի կատարյալ բացակայությունը։ Եթե նա կորցներ հազար ռուբլի, ես կարծում եմ, մեր միջից առաջին գողը եթե գտներ, կտաներ ու կտար նրան։ Այո, համոզված եմ, այդպես էլ կլիներ։ Ինչպիսի խորունկ կարեկցանքով իմացան կալանավորները, որ իրենց արծիվ-հրամանատարը շատ թունդ վիճել է մեր ատելի մայորի հետ։ դա եղավ նրա գալու առաջին իսկ ամսում։ Մեր մայորն ինչ-որ ժամանակ ծառայել էր նրա հետ։ Նրանք հանդիպեցին երկար ընդմիջումից հետո որպես բարեկամներ և պիտի որ նշեին միասին։ Բայց հանկարծ խզում առաջացավ։ Նրանք կռվեցին, և Գ.-ը մահացու թշնամի դարձավ նրա համար։ Նույնիսկ լսեցինք՝ ինչպես կռվեցին մի դիպվածով, ինչ մեր մայորի հետ կարող էր պատահել՝ նա հաճախ էր կռվշտում։ Հենց դա լսեցին կալանավորները, նրանց ուրախությանը սահման չկար։ «Ութաչքանին ո՜նց պիտի յոլա գնար նրա հետ, նա՝ արծիվ, իսկ մերը...», և այստեղ սովորաբար ոչ տպագրելի մի բառ էին ավելացնում։ Մեզ մոտ անչափ հետաքրքրվում էին, թե ով է ում զխկել։ Եթե նրանց ծեծկռտուքի մասին լուրը ճիշտ չլիներ (ինչ գուցեև այդպես էր), ապա, կարծում եմ, մեր կալանավորների համար շատ վրդովեցուցիչ կլիներ։ «Չէ, հաստատ, որ հրամանատարը հախից եկել է,— խոսում էին նրանք,— նա փոքր-մոքր է, բայց ճարպիկ, իսկ մերը, լսեք՝ ասեմ, թախտի տակ է մտել»։ Բայց շուտով Գ.-ը մեկնեց, և կալանավորները վերստին վհատության մեջ ընկան։ Ինժեներական հրամանատարները, ճիշտ է, մեզանում բոլորն էլ լավն էին, իմ օրոք փոխվեցին երեքը, չորսը, «բայց էլ նրա նմանին չենք արժանանա,— ասում էին կալանավորները,— արծիվ էր, արծիվ ու պահապան»։ Ահա, հենց այդ Գ.֊ն էլ շատ էր սիրում մեզ՝ ազնվականներիս, և վերջում կարդագրեց ինձ և Բ.-ին երբեմն գրասենյակ գնալ։ Իսկ նրա մեկնելիս, դա տնօրինվեց ավելի ճիշտ ձևով։ Ինժեներների մեջ կային մարդիկ (հատկապես մեկը), որոնք շատ էին համակրում մեզ։ Գնում էինք, թղթեր արտագրում, մեր ձեռագրերը նույնիսկ սկսեցին կատարելագործվել, երբ հանկարծ բարձրագույն ղեկավարությունից հրաման եկավ՝ մեզ վերադարձնել մեր նախկին գործերին. ինչ-որ մեկը հասցրել էր մատնել։ Ի դեպ, լավ էլ եղավ, գրասենյակը սկսել էր երկուսիս էլ շատ ձանձրացնել։ Հետագայում, շուրջ եկու տարի, Բ.-ի հետ անբաժան գնում էինք նույն գործին, ավելի հաճախ՝ արհեստանոցում։ Ասում֊խոսում էինք իրար հետ մեր հույսերի, համոզմունքների մասին։ Փառավոր մարդ էր, բայց համոզմունքները հաճախ տարօրինակ էին, բացառիկ։ Մարդկանց որոշակի խմբի մեջ՝ շատ խելացի, հաճախ հաստատվում են միանգամայն տարիմաստ ըմբռնումներ։ Սակայն հանուն դրանց ինչ-քա՜ն էին տառապում, ինչքան թանկ էին վճարում դրա համար, որ կտրվելն անչափ ցավալի էր, համարյա անհնար։ Բ.-ը ցավագին էր ընդունում յուրաքանչյուր առարկություն և թունալի պատասխանում ինձ։ Ի դեպ, շատ հարցերում գուցեև ավելի իրավացի էր ինձնից, չգիտեմ, բայց ի վերջո մենք բաժանվեցինք, և դա շատ դառն էր ինձ համար՝ արդեն շատ բան էինք հայտնել միմյանց։
Այդ ընթացքում Մ.-ը տարետ արի դառնում էր մի տեսակ ավելի տրտում ու մռայլ։ Թախիծն էր տիրել նրան։ Նախկինում, բանտում գտնվելուս առաջին շրջանում, նա ավելի դյուրահաղորդ էր, այնուամենայնիվ, հոգին ավելի հաճախ ու ավելի շատ էր բացում։ Արդեն երեք տարի տաժանավայրում էր այն ժամանակ, երբ բանտ մտա։ Սկզբում նա ավելի շատ բաներով էր հետաքրքվում, թե ինչ է կատարվել աշխարհում այդ երկու տարվա ընթացքում, ինչի մասին գաղափար անգամ չուներ բանտում նստած. հարցուփորձ էր անում ինձ, լսում, հուզվում։ Բայց վերջում, տարիների հետ, այդ ամենը մի տեսակ կենտրոնանալ սկսեց ներսում, սրտում։ Ածուխների վրա մոխիր էր նստում։ Չարացածությունն աճում էր ավելի ու ավելի։ «Je hais ces brigands»,— կրկնում էր հաճախակի, ատելությամբ նայելով տաժանապարտներին, որոնց հասցրել էի ավելի մոտիկից ճանաչել, և իմ ոչ մի փաստարկը նրանց օգտին, չէր ազդում վրան։ Չէր հասկանում, թե ինչ եմ ասում, երբեմն, ի դեպ, ցրված համաձայնում էր, բայց վաղն արդեն կրկնում էր. «Je hais ces brigands»։ Իմիջիայլոց, իրար հետ հաճախ էինք խոսում ֆրանսերեն, այդ պատճառով էլ աշխատանքները հսկող ժանդարմներից մեկը՝ Դրանիշնիկովը, հայտնի չէ ինչ նկատառումով, մեզ ֆերշել անունը տվեց։ Մ.-ն ոգևորվում էր, միայն մորը հիշելիս։ «Նա ծեր է, հիվանդ,— ասում էր ինձ,— աշխարհում ամենից շատ ինձ է սիրում, ես էլ էստեղ նստած, չեմ իմանում ո՞ղջ է, թե չէ։ Նրա համար հերիք է, որ իմանա ինձ ինչպես են քշել շարքերի միջով...»։ Մ.-ն ազնվական չէր, և աքսորից առաջ մարմնական պատիժ էր ստացել։ Դա հիշելիս, նա սեղմում էր ատամները և ջանում մի կողմ նայել։ Վերջին ժամանակներս սկսել էր ավելի ու ավելի հաճախ մենակ ման գալ։ Մի առավոտ, ժամը տասներկուսին մոտ նրան կանչեցին պարետի մոտ։ Վերջինս դուրս էր եկել ուրախ ժպտալով։
― Հը՞, Մ., էսօր ի՞նչ ես տեսել երազիդ,— հարցրել էր նա։
«Ես ցնցվեցի, վերադառնալով, մեզ պատմեց Մ.-ը։— Ոնց որ սիրտս ծակեցին»։
― Տեսել եմ, որ մորիցս նամակ եմ ստացել,— պատասխանել էր նա։
― Ավելի լավ բան, ավելի լավ բան,— առարկել էր պարետը։— Դու ազատվել ես։ Մայրդ է խնդրել... Նրա խնդիրքը լսել են։ Էս նրա նամակը, էս էլ քո հրամանը։ Հենց հիմա դուրս կգաս բանտից։
Նա մեզ մոտ վերադարձավ գունատված, դեռևս ուշքր տեղը չեկած լուրից։ Շնորհավորեցինք։ Մեր ձեռքերն էր սեղմում դողացող, սառած ափերով։ Շատ կալանավորներ նույնպես շնորհավորեցին նրան և ուրախ էին ընկերոջ երջանկությամբ։
Նա գնաց վերաբնակության և մնաց մեր քաղաքում։ Շուտով տեղ էլ տվեցին նրան։ Սկզբում հաճախ էր գալիս բանտի մոտերքր և երբ կարողանում, զանազան նորրություններ էր հայտնում։ Առանձնապես քաղաքականներն էին շատ հետաքրքրում նրան։
Մնացած չորսից, այն է՝ Մ.֊ից, Տ.֊ից, և Ժ․֊ից բացի, մյուսները դեռես շատ ջահել էին ուղարկված կարճ պատժաժամկետներով, սակավակիրթ, բայց ազնիվ, պարզ, ուղղամիտ մարդիկ։ Երրորդր Ա.֊չուկովսկին, չափից ավելի էր պարզամիտ և առանձնահատուկ որևէ բան չէր ներկայացնում, սակայն չորրորդը՝ Բ․֊մը, ադեն տարեց մեկը, բոլորիս վրա ամենագեշ տպավորությունը գործեց։ Չգիտեմ, ինչպես էր ընկել այդ կարգի հանցագործների մեջ, ասենք, ինքն էլ էր դա ժխտում։ Բիրտ, մանրքաղքենիական հոգի ուներ, խանութպանի սովորություններով ու կանոններով, հարստացած ավել հաշված կոպեկներով։ Ոչ մի կրթություն չէր ստացել և ոչնչով չէր հետաքրքրվում, բացի իր արհեստից։ Ներկարար էր, բայց չտեսնված, հոյակապ ներկարար։ Ղեկավարությունը շուտով իմացավ նրա ընդունակությունների մասին և ամբողջ քաղաքը սկսեց Բ.֊մին պահանջել իրենց պատերն ու առաստաղները ներկելու համար։ Երկու տարում նա նախշեց համարյա բոլոր պետական բնակարանները։ Տանտերերը վճարում էին իրենց կողմից, և նա վատ չէր ապրում։ Բայց ամենալավն այն էր, որ նրա մյուս ընկերներին էլ սկսեցին ուղարկել նրա հետ աշխատանքի։ Հետը մշտապես գնացող երեքից երկուսն արհեստը սովորեցին նրանից, մեկն էլ Տ.֊ժևսկին, սկսեց ներկել նրանից ոչ վատ։ Մեր պլաց֊մայորը, որը նույնպես պետական տան մեջ էր ապրում, իր հերթին պահանջեց Բ.֊մին և կարգադրեց նախշել իր պատերն ու առաստաղները։ Այստեղ արդեն Բ.֊մը շատ ջանաց՝ գեներալ֊նահանդապետի տունն էլ այդպես նախշազարդ չէր։ Տունր փայտաշեն էր, միհարկանի, բավականին հին ու դրսից քնձռոտած, իսկ ներսն այնպես էր նախշազարդ, ինչպես պալատում, և մայորը ցնծում էր... Շփում էր ձեռքերն ու կրկնում, որ հիմա անպայման կամուսնանա։ «Էս տեսակ տանը չպսակվել չիլնի»,— ավելացնում էր շատ լրջորեն։ Ավելի ու ավելի դոհ էր Բ․֊մից, նրա միջոցով նաև հետն աշխատողներից։ Մի լրիվ ամիս գործ էին անում։ Այդ ամսվա ընթացքում մայորը կտրականապես փոխեց իր կարծիքր բոլոր նրանց մասին և սկսեց հովանավորել։ Բանը հասավ նրան, որ մի անգամ հանկարծ մոտը կանչել տվեց ժ.֊ին։
― Ժ.,— ասաց նրան,— ես քեզ վիավորել եմ։ Ես քեզ իզուր տեղը ճիպտել տվեցի, գիտեմ։ Ափսոսում եմ։ Հասկանո՞ւմ ես դա։ ''Ես'', ''ես'', ''ես'' եմ զղջում։
Ժ.֊ը պատասխանեց, որ հասկանում է։
― Հասկանո՞ւմ ես, որ ես, ''ես'', քո պետը, կանչել եմ քեզ՝ ներողություն խնդրելու։ Զգո՞ւմ ես դա։ Դու ո՞վ ես իմ առաջ ճիճու, ճիճվից էլ փոքր, դու՝ կալանավոր, իսկ ես, Աստծո ողորմածությամբ մայոր''{Տառացի մի արտահայտություն, որն, ի դեպ, իմ ժամանակ ոչ միայն մեր մայորն էր օգտագործում, այլև շատ֊շատ մանր-մունր հրամանատարներ, գերազանցապես ելած ստորին աստիճաններից (ծաոթ. հրատ.)։}''։ Հասկանո՞ւմ ես, մայոր։
Ժ.֊ը պատասխանեց, որ հասկանում է դա էլ։
― Դե, ուրեմն հիմա հաշտվում եմ քեզ հետ։ Բայց զգո՞ւմ ես դա, զգո՞ւմ ես լիովին, կատարյալ չափով։ Ի վիճակի՞ ես դա հասկանալ և զգալ։ Միտք արա մենակ․ ես, ես՝ մայոր... և այլն։
Ժ.֊ն ինքն ինձ պատմեց այդ ամբողջ տեսարանը։ Ուրեմն, այդ հարբած, խենթուխելառ և թափթփված մարդու մեջ մարդկային զգացմունք կար։ Նկատի առնելով նրա ընկալումներն ու զգացողությունը, նման արարքը համարյա կարելի էր մեծահոգություն համարել։ Ի դեպ, հարբած տեսքը թերևս շատ էր նպաստում դրան։
Նրա երազանքը չկատարվեց․ չամուսնացավ, թեև արդեն լիովին վճռել էր, երբ ավարտեցին նրա բնակարանի հարդարանքը։ Ամուսնության փոխարեն դատի տակ ընկավ, և նրան կարգադրեցին պաշտոնաթող լինել։ Այստեղ արդեն նրա բոլոր հին մեղքերը գումարվեցին եղածին։ Այս քաղաքում, հիշում եմ, նախկինում եղել էր քաղաքապետ... Հարվածն իջել էր անսպասելիորեն։ Բանտում անչափ ուրախացան՝ լսելով լուրը։ Տոն էր, ցնծություն։ Ասում են, մայորը ոռնում էր պառավ կնկա պես, արցունքն աչքերից թափվում էր։ Բայց ոչինչ անել չէր լինի։ Նա պաշտոնաթող եղավ, մոխրագույն ձիերը ծախեց, հետո՝ կալվածքը և նույնիսկ աղքատության մեջ ընկավ։ Հետո մենք հանդիպում էինք նրան՝ քաղաքացիական հնամաշ սերթուկով, գդականիշով գլխարկը գլխին։ Նա չարությամբ էր նայում կալանավորներին։ Սակայն նրա ամբողջ հմայքը չքվել էր մունդիրը հանելուն պես։ Մունդիրով նա ամպրոպ էր, աստված։ Սերթուկով հանկարծ դարձել էր կատարելապես ոչինչ և նմանվել սպասավորի։ Զարմանալի է, ինչքան շատ բան է նշանակում մունդիրն այդ մարդկանց համար։
=== IX։ Փախուստ ===
Մեր պլաց-մայորին փոխելուց հետո, շուտով ծայր առան արմատական փոփոխություններ մեր բանտում։ Վերացրին տաժանակրությունը և դրա փոխարեն հիմնեցին ռազմական գերատեսչության կալանավորական վաշտեր՝ ռուսական կալանավորական վաշտերի հիմունքներով։ Դա նշանակում էր, որ երկրորդ կարդի աքսորյալ տաժանապարտներին այլևս չէին բերում մեր բանտ։ Այդ ժամանակից բանտը սկսեց լցվել սոսկ ռազմական գերատեսչության կալանավորներով, այսինքն՝ կացության իրավունքից չզրկված մարդկանցով, ինչպեսև զինվորներով, այն զինվորներով, որոնք նոր էին պատժվել, գալիս էին կարճ ժամկետներով (առավելագույնը՝ մինչև վեց տարի) և բանտից դուրս գալուն պես նորից ընդունվում իրենց գումարտակները որպես շարքային, որպիսին էին նաև նախկինում։ Իմիջիայլոց, կրկնահանցագործության համար բանտ վերադարձողները պատժվում էին, ինչպես նախկինում՝ քսան տարվա պատժաժամկետով։ Ի դեպ, մինչ այդ փոփոխությունը նույնպես կար զինվորական կարգի կալանավորների բաժանմունք, սակայն նրանք ապրում էին մեզ հետ, որովհետև ուրիշ տեղ չկար նրանց համար։ Իսկ հիմա ամբողջ բանտը դարձավ այդ զինվորական կարգի։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նախկին տաժանապարտները, իսկական քաղաքացիական տաժանապարտները, զրկված իրենց բոլոր իրավունքներից, խարանված և գլխի երկարությամբ ածիլված, մնացին բանտում, մինչև իրենց ժամկետների ավարտը։ Նորերը չէին գալիս, իսկ մնացյալը կամաց֊կամաց կրելով պատժաժամկետները, հեռանում էին, այն պես որ տասը տարի անց մեր բանտում չէր մնա և ոչ մի տաժանապարտ։ Հատուկ բաժանմունքը նույն պես մնաց բանտին կից, և այստեղ դեռևս ժամանակ առ ժամանակ ուղարկում էին զինվորական գերատեսչության ծանրագույն հանցանք գործածներին, ընդհուպ մինչև Սիբիրում ամենածանր տաժանակիր աշխատանքները կսկսվեին։ Այդպիսով, մեզ համար կյանքը շարունակվեց ըստ էության նախկինի պես. նույն պայմանները, նույն աշխատանքր և համարյա թե նույն կարգերը, միայն ղեկավարությունն էր փոխվել ու բարդացվել։ Նշանակվեց շտաբ-սպա, վաշտի հրամանատար և դրան գումարած, չորս ավագ սպաներ, որոնք փոփոխվելով հերթապահում էին բանտում։ Վերացվեցին նաև վետերանները, նրանց փոխարեն կարգվեցին տասներկու ենթասպա և կապտենարմուս։ Ընդունվեց բաժանումը տասնյակների, կարգվեցին եֆրեյտորներ՝ հենց կալանավորներից, հարկավ, միայն անվանապես, և ինքնըստինքյան, Ակիմ Ակիմիչն անմիջապես դարձավ եֆրեյտոր։ Այդ բոլոր նորամուծությունները և ամբողջ բանտն՝ իր պաշտոնավորներով և բոլոր կալանավորներով առաջվա պես մնացին պարետի, որպես բարձրագույն պետի, տնօրինության տակ։ Ահա և այն ամենն, ինչ կատարվեց։ Հասկանալի է, սկզբում կալանավորները շատ էին հուզվում, վիճաբանում, ենթադրում և փորձում էին նոր պետերին, բայց երբ տեսան, որ դստ էության ամեն ինչ նախկինի պես է մնացել, տեղնուտեղը խաղաղվեցին, և մեր կյանքն ընթացավ հնի պես։ Բայց գլխավորն այն է, որ բոլորն ազատվեցին նախկին պլաց֊մայորից, բոլորը մի տեսակ հանգստացան և գոտեպնդվեցին։ Չքացավ վախվորածությունը, հիմա ամեն ոք գիտեր, որ կարիքի դեպքում կարող է բացատրվել պետի հետ, որ արդարին գուցե միայն սխալվելով կպատժեն՝ մեղավորի փոխարեն։ Նույնիսկ խմիչքն էր շարունակվում վաճառվել մեզ մոտ ճիշտ նույնպես ու նախկինի պես՝ նույն հիմունքներով, չնայած, որ նախկին վետերանների փոխարեն ենթասպաներն էին։ Այդ ենթասպաները մեծ մասամբ օրինավոր և ըմբռնող մարդիկ դուրս եկան, իրենց դիրքը հասկացողներ։ Նրանցից ոմանք, իմիջիայլոց, սկզբում դրսևորեցին ձևեր թափելու նկրտումներ, և իհարկե, անփորձությունից մտածեցին կալանավորների հետ վարվել, ինչպես զինվորների հետ։ Սակայն շուտով նրանք ևս հասկացան, թե բանն ինչ է։ Իսկ մյուսներին, ովքեր երկար ժամանակ չէին հասկանում, խնդրի բուն էությունն ապացուցեցին իրենք՝ կալանավորները։ Եղան բավական սուր բախումներ. օրինակ, կհրապուրեին, կխմացնեին ենթասպային, հետո էլ հենց նրան կզեկուցեին, անշուշտ, յուրովի, որ ինքր խմել է կալանավորների հետ, և հետևաբար... Ավարտվեց նրանով, որ ենթասպաներն անտարբերությամբ էին նայում, կամ ավելի լավ է ասել, ջանում էին չտեսնել, թե ինչպես են անցկացվում օղեպարկերը և վաճառվում օղին։ Դեռ քիչ է, ինչպես նախկին վետերանները, նրանք շուկա էին գնում և կալանավորների համար կալաչներ տավարի միս և ուրիշ բաներ բերում, այսինքն, այնպիսի բաներ, որոնց համար մեծ ռիսկ պետք չէր։ Թե ինչի համար փոփոխվեց այդ ամենը, ինչի համար կալանավորական վաշտ սարքեցին, այդ մեկը չգիտեմ։ Դա արդեն կատարվեց իմ տաժանակրության վերջին տարիներին։ Սակայն դեռ ևս երկու տարի ինձ վիճակված էր ապրել այդ նոր կարգերի օրոք...
Գրառե՞մ, արդյոք, ամբողջ կյանքս, իմ տարիները բանտում։ Չեմ կարծում։ Եթե գրեմ հերթականությամբ, իրար ետևից այն ամենն, ինչ կատարվեց և ինչ տեսա ու ապրեցի այն տարիներին, անշուշտ, կարելի է եռակի-քառակի ավելի գլուխներ գրել, քան մինչ այս գրվել է։ Սակայն նման նկարագրությունն ակամա կդառնա, ի վերջո, չափազանց միօրինակ։ Բոլոր պատահարները կդառնան չափից ավելի նույնաբնույթ, հատկապես եթե ընթերցողն արդեն հասցրել է, ըստ արդեն գրված գլուխների, իր համար փոքրիշատե բավարար իմացություն կազմել երկրորդ կարգի տաժանակրական կյանքի մասին։ Ես կամեցել եմ պատկերել մեր ամբողջ բանտը և այն ամենն, ինչ կրել եմ այդ տարիներին՝ մեկ ակնառու և վառ պատկերով։ Հասե՞լ եմ նպատակիս, չգիտեմ։ Բացի դրանից, ես չէ, որ պիտի դատեմ այդ մասին։ Սակայն համոզված եմ, որ սրանով կարելի է ավարտել։ Էլ չասած, որ ինձ նույնպես տրտմություն է պատում երբեմն՝ այս հիշողությունների հետ։ Եվ հազիվ թե կարողանամ ամեն բան հիշել։ Հետագա տարիները մի տեսակ խամրել են հիշողությանս մեջ։ Շատ հանգամանքներ, համոզված եմ, լիովին մոռացել եմ։ Օրինակ, հիշում եմ, որ բոլոր այդ տարիներն, ըստ էության, մեկը մյուսին այնքա՜ն նման, անցել են անաշխույժ, թախծալի։ Հիշում եմ, որ այդ երկարուձիգ, տրտում օրերն այնքան էին միապաղաղ, ճիշտ ինչպես անձրևից հետո ջուրն է կաթում տանիքից՝ կաթիլ֊կաթիլ։ Հիշում եմ, որ հառնումի, նորացման, նոր կյանքի մոլի ցանկությունը հաստատակամ էր դարձնում ինձ՝ սպասել և հուսալ։ Եվ, ի վերջո, ամրացա, ապրում էի, օր հաշվում, և չնայած մնացել էր հազար օր, ես վայելումով էի համրում օր առ օր, ճամփու էի դնում ու թաղում անցած օրը և նոր օրը բացվելիս ուրախանում, որ արդեն հազարր չի մնացել, այլ ինն հարյուր իննսունինը։ Հիշում եմ, որ ամբողջ այդ ժամանակ, չնայած հարյուրավոր ընկերների առկայությանը, ես զարհուրելի մենակության մեջ էի և, ի վերջո, սիրեցի այդ մեկուսացումը։ Հոգեպես մենավոր, ես վերանայում էի անցած կյանքս, քրքրում ամեն ինչ մինչև վերջին մանրուքը, խորանում անցյալի մեջ, մենակ դատում ինքս ինձ՝ անողոքաբար և խստորեն, և երբեմն նույնիսկ օրհնում ճակատագիրն այն բանի համար, որ ինձ շնորհեց այս մենությունը, առանց որի չէր լինի ո՛չ այդ դատն ինքս իմ վրա, ո՛չ անցած կյանքի խստագույն վերանայումը։ Եվ այդժամ ի՜նչ հույսերով էր տրոփում սիրտս։ Ես մտածում, ես վիճում, ես երդվում էի, որ գալիք իմ կյանքում չեն լինի ո՛չ այն սխալները, ո՛չ այն անկումները, որոնք եղել էին նախկինում։ Ինքս ինձ գծագրեցի համակ ապագայի ծրագիրը և վճռեցի հաստատապես հետևել դրան։ Իմ ներսում վերածնվեց կույր հավատը, որ այդ ամենը կկատարեմ ու կարող եմ կատարել... Ես սպասում էի ազատությանը, սպասում ու կանչում, որ շուտ գա, կամենում նորովի փորձել ինքս ինձ՝ նոր պայքարում։ Ժամանակ առ ժամանակ ինձ պարուրում էր ջղաձիգ անհամբերությունը... Բայց հիմա ցավագին է հիշելն այն ժամանակվա իմ հոգեվիճակը։ Հարկավ, այդ ամենը միայն ինձ է վերաբերում... Բայց սա գրառեցի հենց նրա համար, որ ինձ թվում է, յուրաքանչյուր ոք դա կհասկանա, քանզի ամենքի հետ էլ նույնը պիտի կատարվի, եթե բանտ ընկնի պատժաժամկետով, տարիքի և ուժերի ծաղկուն շրջանում։
Բայց ինչ ասել այդ մասին... Ավելի լավ է, մի բան էլ պատմեմ, որպեսզի չափից դուրս կտրուկ չավարտեմ։
Մտքովս անցավ, որ մեկնումեկը թերևս հարց տա. արդյո՞ք տաժանավայրից ոչ ոք չէր կարող փախչել և այդ ամբողջ տարիների ընթացքում մեզ մոտից ոչ ոք չփախավ։ Արդեն գրել եմ, որ երկու֊երեք տարի բանտում գտնվող կալանավորն արդեն սկսում է գնահատել այդ տարիները և ակամա հանգում մի հաշվարկի, որ ավելի լավ է մնացածը կրել առանց հոգսերի, առանց վտանգների և ի վերջո, օրինական կարգով դուրս գալ վերաբնակեցման։ Սակայն նման հաշվարկը տեղ է գտնում այն կալանավորի գլխում սոսկ, որն աքսորված է ոչ երկար պատժաժամկետով։ Երկարաժամկետը թերևս պատրաստ է փախուստի դիմել... Բայդ մեզ մոտ մի տեսակ չէր արվել դա։ Չգիտեմ, շա՞տ էին վախենում, հսկողությո՞ւնն էր առաձնապես խիստ, զինվորական, մեր քաղաքի տեղա՞նքն արդյոք (տափաստանային, արձակ) շատ բաներով բարենպաստ չէր։ Կարծում եմ, բոլոր այդ պատճառներն իրենց ազդեցությունը գործում էին։ Իսկապես, մեզ մոտից փախչելը դժվարին էր։ Այդուհանդերձ, իմ օրոք էլ կատարվեց նման մի բան. երկու հոգի ռիսկ արեցին, և նույնիսկ ամենակարևոր հանցագործներից...
Մայորին փոխելուց հետո, Ա.֊վը (նա, ով լրտեսում էր մայորին բանտում) մնաց կատարելապես մենակ, առանց հովանավորության։ Դեռևս շատ էր երիտասարդ, սակայն բնավորությունը կայունանում և հաստատվում էր տարիների հետ։ Ընդհանրապես, հանդուգն, վճռական և նույնիսկ շատ բանիմաց մեկն էր։ Թերևս շարունակեր լրտեսել ու զբաղվել զանազան տակնետակ եղանակներով, եթե նրան ազատություն տային, բայց հիմա չէր վրիպի այնքան հիմարավարի և չհաշվարկված, առաջվա պես, իր հիմարության պատճառով աքսորվելու ենթարկվելով։ Մեզ մոտ նա մասամբ զբաղվում էր նաև կեղծ անձնագրերով։ Ի դեպ, հաստատապես չեմ ասում։ Այդպես եմ լսել մեր կալանավորներից։ Ասում էին, որ նա աշխատել է այդ ուղղությամբ, երբ դեռ ես պլաց-մայորի մոտ էր գնում, խոհանոց և հասկանալի է, դրանից բավականաչափ եկամուտ էր կորզել։ Մի խոսքով, կարծես նա կարող էր ամեն ինչի գնալ՝ ճակատագիրը փոխելու համար։ Առիթ ունեցել եմ մասամբ ճանաչել նրա հոգին, ցինիզմը հասնում էր վրդովեցուցիչ լկտիության, մինչը որ ամենասաուր քմծիծաղ կհարուցեր և անհաղթահարելի խորշանք։ Ինձ թվում է, եթե շատ կամենար մի բաժակ օղի խմել և եթե այդ բաժակը կարելի էր ձեռք բերել ոչ այլ կերպ, քան մեկնումեկին մորթելով, անպայման կմորթեր նա, եթե միայն հնարավոր լիներ դա անել սուսուփուս, որ ոչ ոք չիմանար։ Բանտում նա հաշվարկել սովորեց։ Ահա այդ մարդու վրա էլ իր ուշադրությունը բևեռեց հատուկ բաժանմունքի կալանավոր Կուլիկովը։
Արդեն ասել եմ Կուլիկովի մասին։ Ջահել չէր, սակայն կրքոտ, կենսալի, ուժեղ, արտակարգ և բազմակողմանի ընդունակությունների տեր։ Նրա մեջ ուժ կար, և դեռ ապրել էր ուզում։ Այդպիսի մարդիկ մինչև խոր ծերություն դեռ ուզում են ապրել։ Եվ եթե ես սկսեի զարմանալ, թե մեզ մոտից ինչու չեն փախչում, հարկավ, առաջինը Կուլիկովի վրա կզարմանայի։ Սակայն Կուլիկովը վճռեց։ Նրանցից ո՞րը մյուսի վրա ավելի շատ ազգեցություն ուներ. Ա.-վը Կուլիկովի՞, թե՞՝ հակառակը, չգիտեմ, բայց մեկը մյուսին արժեր և այդ գործի համար փոխադարձորեն հարմար էին։ Նրանք մտերմացան։ Ինձ թվում է, Կուլիկովը գտնում էր, որ Ա.-վը կպատրաստի անձնագրերր։ Ա․֊վը ազնվականներից էր, լավ հասարակության միջից՝ դա որոշ բազմազանություն էր խոստանում գալիք արկածներում, միայն թե հասնեին Ռուսաստան։ Ով գիտե, ինչպես էին պայմանավորվել և ինչ հույսեր ունեին, սակայն հաստատ է, որ հույսերը ելնում էին սիբիրյան թափառաշրջիկության ավանդական հնամոլությունից։ Կուլիկովն ի բնե դերասան էր, կյանքում կարող էր ընտրել բազում և զանազան դերեր։ Կարող էր շատ բանի հույս ունենալ, ծայրահեղ դեպքում՝ բազմազանության։ Նման մարդկանց պետք է, որ ճնշի բանտը։ Նրանք պայմանավորվեցին փախչել։
Սակայն առանց պահախմբի զինվորի, փախչելն անհնար էր։ Պետք էր երկուսով սադրել պահախմբի որևէ զինվորի։ Բերդում տեղակայված գումարտակներից մեկում ծառայում էր մի լեհ, եռանդուն մարդ էր, գուցեև ավելի լավ ճակատագրի արժանի, արդեն տարեց էր, կորովի, լրջմիտ։ Ջահել ժամանակ, Սիբիր ծառայության գալուն պես, փախել էր հայրենիքի խորունկ կարոտից։ Բռնել էին, պատժել և երկու տարի պահել կալանավորական վաշտերում։ Երբ նրան նորից զինվորական ծառայության էին դարձրել, որ պես շարքային, խելքի էր եկել և սկսել ծառայել ջանադրությամբ, ամբողջ ուժով։ Աչքի ընկնելու համար նրան եֆրեյտոր էին դարձրել։ Պատվասեր, ինքնավստահ և իր գինն իմացող մարդ էր։ Այդպես էլ նայում էր, այդպես էլ խոսում, որպես իր գինն իմացող։ Այդ տարիներին մի քանի անգամ հանդիպել էի նրան մեր զինվորների մեջ։ Նրա մասին ինչ֊որ բաներ ասել էին նաև լեհերը։ Ինձ թվաց, որ նախկին թախիծը նրա մեջ վերափոխվել է ատելության՝ թաքուն, խուլ, մշտական։ Այդ մարդն ամեն ինչի կարող էր գնալ, և Կուլիկովը չէր սխալվել նրան ընկեր ընտրելով։ Ազգանունը Կոլլեր էր։ Նրանք պայմանավորվել և նշանակել էին օրը։ Հունիս ամիսն էր, տաք օրերին։ Այդ քաղաքում եղանակը բավականին համաչափ էր, ամռանը՝ կայուն, տաք, իսկ դա հարմար է թափառաշրջիկին։ Հարկավ, նրանք ոչ մի կերպ չէին կարող պոկվել ուղղակի տեղից, բերդից, քաղաքը ոտի տակ տեղ էր, բոլոր կողմերից բաց։ Չորսդին, բավական հեռու տարածության վրա անտառ չկար։ Հարկ էր զգեստափոխվել, քաղաքացիական հագուստ հագնել, իսկ դրա համար՝ նախ, հասնել Ֆորշտադտ, ուր Կուլիկովը վաղուց մի որջ ուներ։ Չգիտեմ, Ֆորշտադտի նրանց ընկերները գաղտնիքի մեջ էին բոլորով, թե՝ ոչ։ Հարկ է ենթադրել, որ էին, թեև հետագայում քննության ընթացքում, դա լրիվ չբացահայտվեց։ Այդ տարի, Ֆորշտադտի մի անկյունում իր ասպարեզն էր բացել մի ջահել ու սիրունիկ աղջիկ, Վանյկա֊Տանյկա մականվամբ, որը մեծ հույսեր էր ներշնչում և մասամբ իրականացրեց հետագայում։ Նա մի ուրիշ անուն էլ ուներ՝ կրակ։ Կարծես թե այստեղ նա որոշ մասնակցություն ունեցել էր։ Կուլիկովը նրա վրա փող էր ծախսում արդեն մի լրիվ տարի։ Մեր քաջերն առավոտյան ելել էին գործաբաժանի և ճարպկորեն դասավորել այնպես, որ իրենց ուղարկեն կալանավոր Շիլկինի հետ, սա վառարան սարքող էր և ծեփագործ, պիտի սվաղեին գումարտակի դատարկ զորանոցները, որոնցից զինվորները վաղուց գնացել էին ճամբարներ։ Ա․֊ը և Կուլիկովը գնացել էին նրա հետ, որ պես շաղախ կրողներ։ Կոլլերը հարմարացրել էր ուղեկցող զինվոր կարգվել, իսկ քանի որ երեք հոգուն երկու զինվոր էր պահանջվում, ապա Կոլլերին, որպես հին ծառայող ու եֆրեյտոր, հաճույքով կցեցին ջահել մի ռեկրուտի, որպեսզի սովորի և յուրացնի ուղեկցող զինվորի գործը։ Ուրեմն, մեր փախչողներն ուժեղագույն ազդեցություն ունեին Կոլլերի վրա, և հավատացել էր վերջինս նրանց, երբ երկարատև ու ծառայության վերջին տարիներին հաջողությունից հետո, նա՝ խելացի, պատկառելի, հաշվենկատ մարդը, վճռել էր հետևել նրանց։
Հասել էին զորանոց։ Առավոտյան ժամը վեցն էր։ Նրանցից բացի ոչ ոք չկար։ Մի ժամի չափ աշխատելուց հետո, Կուլիկովը և Ա․֊վը Շիլկինին ասել էին, որ գնում են արհեստանոց, նախ, ինչ-որ մեկին տեսնելու, ապա նաև ինչ-որ գործիք վերցնելու, որը չկար գործատեղում։ Շիլկինի հետ խորամանկորեն էր պետք գործ բռնել, այն է՝ հնարավորինս ավելի բնական։ Նա մոսկվացի էր, արհեստը՝ վառարանագործ, մոսկվացի քաղքենիներից էր, խորամանկ, ծակամուտ, խելացի և քչախոս։ Արտաքնապես տխեղծ էր ու հյուծված։ Դեռ երկար պիտի գնար֊գար կարճ ժիլետով ու խալա թով, մոսկովյան կյանքով, սակայն ճակատագիրն այլ կերպ էր տնօրինել և երկար ճամփորդություններից հետո հայտնվել էր մեզ մոտ՝ ընդմիշտ հատուկ բաժանմունքում, այն է զինվորական ամենաահավոր հանցագործների կարգում։ Ինչով էր արժանացել նման առաջխաղացման, չգիտեմ, սակայն առանձին մի դժգոհություն նրա մեջ չէր նկատվել, իրեն հաշտ ու խաղաղ էր պահում, միայն երբեմն էր հարբում կոշկակարի նման, բայց այդ վիճակում էլ էր իրեն լավ պահում։ Անշուշտ, գաղտնիքի մեջ չէր նա, իսկ աչքերը սուր էին։ Ինքնըստինքյան, Կուլիկովն աչքով արեց, թե գնում են խմիչքի, որ թաքցրել էին արհեստանոցում, դեռ երեկվանից։ Դա հուզեց Շիլկինին, բաժանվեց նրանից, առանց որևէ կասկածի և մնաց այն փոքրամարմին ռեկրուտի հետ, իսկ Կուլիկովը, Ա.֊ը և Կոլլերը ճամփա ընկան Ֆորշտադտ։
Անցավ կես ժամ, բացակայողները չէին վերադառնում և հանկարծ, ուշքի գալով, Շիլկինը մտքերի մեջ ընկավ։ Ընկած֊ելած մարդ էր։ Սկսեց վերհիշել։ Կուլիկովը մի առանձնահատռւկ տրամադրության մեջ էր, Ա.֊ը երկու անգամ կարծես փսփսաց նրա ականջին, համենայն դեպս, Կուլիկովը երկու անգամ աչքով արեց նրան, տեսավ դա, հիմա ամեն բան հիշում էր։ Կոլլերի մեջ էլ ինչ֊որ բան նկատվում էր, համենայն դեպս, նրանց հետ ճամփու ընկնելիս, սկսեց խրատներ կարդալ ռեկրուտին, թե ինչպես պահի իրեն՝ իր բացակայությամբ, իսկ դա մի տեսակ այնքան էլ բնական չէր, համենայն դեպս՝ Կոլլերի համար։ Մի խոսքով, ինչքան շատ էր հիշում Շիլկինը, այնքան ավելի կասկածելի էր դառնում։ Այնինչ, ժամանակը գնում, իսկ նրանք չէին վերադառնում, և անհանգստությունը հասավ ծայրակետին։ Նա հասկանում էր, թե ինչքան է վտանգվում այդ գործում՝ նրա վրա կարող էին ընկնել ղեկավարության կասկածները։ Կարող էին մտածել, որ նա բաց է թողել ընկերներին՝ գիտնալով, փոխադարձ համաձայնությամբ և, եթե հապաղեր հայտնել Կուլիկովի և Ա.֊ի անհետացման մասին, այդ կասկածներն ավելի հավանականություն կստանային։ Ժամանակ կորցնել պետք չէր։ Այստեղ նա հիշեց, որ վերջին ժամանակներս Կուլիկովը և Ա.֊ը մի տեսակ առանձնապես մտերիմ էին, հաճախ էին փսփսում, հաճախ գնում բանտասենյակների ետևը, բոլորի աչքից հեռու։ Հիշեց, որ դեռ այն ժամանակ ինչոր բան մտածեց նրանց մասին... Քննող հայացքով նայեց պահապանին, սա հորանջում էր, կռթնած հրացանին և անմեղագույն տեսքով քիթն էր մաքրում մատով, այնպես որ Շիլկինը չարժանացրեց էլ նրան՝ իր մտքերին, այլ ասաց, որ հետևի իրեն դեպի ինժեներական արհեստանոց։ Այնտեղ պետք էր հարցնել, թե Կուլիկովը և Ա.֊ը չե՞ն եկել արդյոք այնտեղ։ Բայց պարզվեց, որ այնտեղ նրանց ոչ ոք չի տեսել։ Շիլկինի բոլոր կասկածները փարատվեցին. «Եթե նրանք պարզապես գնացին Ֆորշտադտ՝ ուտել֊խմելու, ինչ երբեմն անում էր Կուլիկովը,— մտածեց Շիլկինը,— ապա դա նույնպես չէր կարող լինել։ Նրանք կասեին իրեն, քանի որ չարժեր թաքցնել իրենից։ Շիլկինը թողեց գործը և չմտնելով զորանոց, ճամփա ընկավ ուղիղ դեպի բանտ»։
Ժամն արդեն համարյա իննը կլիներ, երբ նա ներկայացավ ֆելդֆեբելին և նրան հայտնեց, թե բանն ինչ է։ Ֆելդֆեբելը սկզբում վախեցավ և չէր ուզում հավատալ։ Իհարկե, Շիլկինն էլ նրան հայտնեց դա, որպես կռահում, կասկած։ Ֆելդֆեբելն ուղիղ մայորի մոտ շտապեց։ Մայորն՝ անհապաղ, պարետի մոտ։ Քառորդ ժամ անց ձեռնարկվեցին անհրաժեշտ բոլոր միջոցները։ Զեկուցեցին անձամբ գեներալ֊նահանգապետին։ Հանցագործները կարևորներից էին, և նրանց պատճառով սաստիկ շշպռոց կլիներ Պետերբուրգից։ Ճշմարիտ է, թե՝ ոչ, բայց Ա.֊ն քաղաքական հանցագործների թվում էր։ Կուլիկովը՝ հատուկ բաժանմունքից, այսինքն՝ գերհանցագործ, ավելացրած նաև զինվորական։ Մինչև հիմա դեռ օրինակ չէր եղել, որ մեկնումեկը փախչեր հատուկ բաժանմունքից։ Տեղին հիշեցին, որ ըստ կանոնների, հատուկ բաժանմունքի յուրաքանչյուր կալանավորի գործատեղում հասնում էր երկուական զինվոր, կամ ծայրահեղ դեպքում՝ մեկին մեկ։ Այդ կանոնը չէր պահպանվել։ Ուրեմն, տհաճ գործ էր բացվում։ Unւրհանդակներ ուղարկվեցին բոլոր վոլոստները, մերձակա բոլոր բնակավայրերը՝ հայտնելու համար փախածների մասին և ամենուրեք թողնելով նրանց նշանները։ Կազակներ ուղարկվեցին հետապնդման, բռնելու, գրեցին նաև հարևան ուեզդներ և նահանգներ... Մի խոսքով, շատ էին վախեցել։
Այդ ընթացքում մեր բանտում ուրիշ բնույթի հուզում սկսվեց։ Կալանավորները, գործատեղից վերադառնալուն պես, տեղնուտեղն իմացան, թե բանն ինչ է։ Տեղեկությունը բոլորն ընդունում էին մի տեսակ արատասովոր, քողարկված բերկրանքով։ Բոլորի սիրտը թրթռաց յուրովի։ Բացի նրանից, որ դեպքը խախտել էր բանտի միապաղաղ կլանքը և փորփրել մրջնանոցը՝ փախուստ, ի՜նչ փախուստ, դա մի տեսակ հարազատավարի արձագանքվեց բոլորի հոգիներում և զնգացին վաղուց մոռացված լարեր։ Հուսո, ուրախության, ճակատագիրը փոխելու հնարավորության պես բաներ ալեկոծեցին բոլորի սրտերը։ «Փախան չէ՞, մարդիկ, ինչի՞ համար․․․»։ Եվ յուրաքանչյուրն այդ մտքի հետ գոտեպնդվեց և մարտահրավերի տեսքով նայեց մյուսներին։ Համենայն դեպս, բոլորը հանկարծ մի տեսակ հպարտ դարձան ու սկսեցին բարձրից նայել ենթասպաներին։ Հասկանալի է, տեղնուտեղը բանտ հասավ ղեկավարությունը։ Եվ ինքը՝ պարետը։ Մերոնք սրտապնդվեցին և նայում էին համարձակ, նույնիսկ թեթևակի արհամարհանքով և մի տեսակ լռելյայն, խստադեմ պատկառելիությամբ։ «Իբր, մենք էլ կարող ենք գործեր սարքել։ Ինքնըստինքյան, ղեկավարության համընդհանուր այցելությունների մասին մեզ մոտ անմիջապես կռահեցին։ Կռահեցին նաև, որ անպայման կլինեն խուզարկումներ և նախապես ամեն ինչ թաքցրին։ Գիտեին, որ ղեկավարությունը այդ դեպքում միշտ էլ հետին խելքով է ուժեղ։ Այդպես էլ եղավ, մեծ իրարանցում ծայր առավ։ Ամեն ինչ տակնուվրա արեցին, ամեն տեղ փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։ Ետճաշյա աշխատանքի ուղարկեցին կալանավորներին՝ ուժեղացված պահակախմբերով։ Երեկոները պահախմբի զինվորներ էին մտնում բանտ՝ րոպեն մեկ, մարդկանց հաշվեցին սովորականից ավելի ևս մեկ անգամ, ըստ որում, հաշիվը խառնեցին երկու անգամ սովորականից ավելի։ Դրանից նույնպես իրարանցում առաջացավ, բոլորին քշեցին բակ և նորից հաշվեցին։ Հետո, մի անգամ էլ հաշվեցին, ըստ բանտասենյակների... Մի խոսքով, հոգսերը շատ էին...
Բայց կալանավորների հոգն էլ չէր։ Բոլորը չափից ավելի անկախ տեսք ունեին, ինչ միշտ լինում է նման դեպքերում, իրենց արտակարգ պատկառազդու էին պահում այդ ամբողջ երեկո. «Ուրեմն, ոչնչից կպչել չի լինի»։ Իր հերթին, ղեկավարությունը մտածում էր. «Արդյո՞ք, բանտում չեն մնացել փախածների համախոհներ» և հրամայեց հետևել կալանավորներին, ականջ դնել։ Բայց կալանավորները միայն ծիծաղում էին. «Էն գործն է, որ համախոհ թողնես»։ «Էդ գործն անձեն ոտնափոխով են անում, ուրիշ ձև չկա»։ «Կուլիկովն է՞ն մարդն է, կամ Ա.-ը, որ էդ տեսակ գործում հետքերը լրիվ չթաղեին։ Շատ վարպետ են արել, ծածկադմփոցով։ Ինչից ասես, դուրս են եկել մարդիկ, փակ դռնից էլ դուրս կգան»։ Մի խոսքով, Կուլիկովի և Ա.-ի փառքն աճեց, բոլորը հպարտանում էին նրանցով։ Զգում էին, որ նրանց սխրանքը կհասնի տաժանապարտների ամենահեռավոր սերունդներին, բանտից ավելի երկար կմնա։
― Վարպեա մարդիկ են,— ասում էին ոմանք։
― Հրես, կարծում էին, թե մեզ մոտից չեն փախչում։ Հո փախա՜ն...— ավելացնում էին մյուսները։
― Փախան,— մեջ ընկավ երրորդը, որոշ իշխանականությամբ չորսդին նայելով։— Բայց ո՞վ է փախել... Քեզ ընկե՞ր են, ինչ է։
Ուրիշ ժամանակ կալանավորն, ում ուղղված էին այդ խոսքերը, անպայման կպատասխաներ ու պատիվը կպաշտպաներ։ Բայց հիմա համեստաբար լռեց. «Իսկականից որ, բոլորը հո Կուլիկով ու Ա. չեն, սկզբից քեզ ցույց տուր...»։
― Ախպերներ, իսկականից ախր, ինչի՞ ենք էստեզ ապրում,— լռությունն ընդհատեց չորրորդը, որ համեստաբար նստել էր խոհանոցի պատուհանի մոտ, խոսում էր թեթեակի երգեցիկ՝ փոքր֊ինչ հեղգացած, բայց գաղտնապես ինքնագոհ զգացումից, այտը հենած ձեռքի ափին։— Ի՞նչ ենք մենք էստեղ։ Ապրում ենք՝ մարդ չենք, մեռնում ենք՝ մեռել չենք։ Է՜֊է՛խ։
― Գործը ոտնաման չի։ Ոտիցդ չես հանի, շպրտի։ Էլ ի՞նչ է՜խ՛ի։
― Բայց արի ու տես, Կուլիկովը...— ուզեց միջամտել տաքարյուններից մեկը, ջահել ու դեղնակտուց ջահել։
― Կուլիկովը,— տեղնուտեղը միացավ մեկ ուրիշը, արհամարհանքով խեթելով դեղնակտուց ջահելին։— Կուլիկով է...
Այսինքն, նշանակում էր՝ շա՞տ կան Կուլիկովներ։
― Բա Ա.-ը, տղերք, ի՜նչ ճարտարն էր, ո՛ւխ, ի՜նչ ճարտարը։
― Էն էլ ի՜նչ։ Նա Կուլիկովին էլ մատների մեջ կխաղացնի։ Կտանի ծով, ծարավ ետ կբերի։
― Տեսնես, հեռո՞ւ են գնացել, ախպերներ, մարդ կուզեր իմանար...
Եվ տեղնուտեղը ծայր առան խոսակցություններ՝ հեռո՞ւ են գնացել, և ի՞նչ ուղղությամբ են գնացել, և որտեղի՞ց ավելի լավ կլիներ, գնային և ո՞ր վոլոստն է ավելի մոտ։ Գտնվեցին մարդիկ՝ շրջակայքը գիտցողներ։ Նրանց լսեցին հետարքրությամբ։ Խոսեցին հարևան գյուղերի բնակիչների մասին և վճռեցին, որ այդ ժողովուրդը հարմար չէ։ Քաղաքին մոտ ժողովուրդը քթածակով է լինում, կալանավորներին չես օգնի, կբռնեն ու կհանձնեն։
― Էստեղի մուժիկը, տղերք, ճարպիկ է լինում։ Ու֊ու֊ո՜ւ, մուժիկ ասողիդ...
― Ծալը պակաս մուժիկ։
― Սիբիրցի, շնորհքը՝ աքացի։ Ջեռն ընկար, կսպանի։
― Է, ախր մերոնք էլ․․․ Էստեղ արդեն ով տակ, ով՝ գլուխ։ Մերոնք էլ հո էն ժողովուրդը չեն, որ...
― Չմեռնեինք, լսեինք։
― Դու ի՞նչ ես կարծում, կբռնե՞ն։
― Իմ կարծան էն է, որ կյանքում չեն բռնի,— միացավ մյուս տաքարյունը, բռունցքը խփելով սեղանին։
― Հը՛մ, էստեղ արդեն ոնց ստացվեց։
― Տղերք, ասեմ ես ինչ եմ մտածում,— միջամտեց Սկուրատովը,— թե ես թափառաշրջիկ լինեի, կյանքում ինձ չէին բռնի։
― Էն էլ՝ քեզ։
Ծիծաղ բարձրացավ, մյուսները ձևացրին, թե լսել անգամ չեն ուզում։ Բայց Սկուրատովն արդեն չափ էր ընկել։
― Կյանքում չեն բռնի,— ավելացրեց եռանդագին։— Տղերք, ես շատ եմ մտածում ու մեկ֊մեկ ինքս իմ վրա զարմանում. ոնց որ թե հրես, ասեղի ծակից կանցնեմ, ու չեն բռնի։
― Վայ թե սովածանաս, մուժիկից հաց ուզես։
Ընդհանուր քրքիջ։
― Հա՞ց կուզեմ։ Սուտ ես ասում։
― Դո՞ւ ինչ սկսիր բլբլացնել։ Դու, մեկ էլ քեռի Վասյան կովեր սատկացնողին սպանեցիք''{Այսինքն, մուժիկին կամ կնկան են սպանել, որ նրանք քամու, թևով կախարդանք էին թողել, և դրանից անասունը սատկում էր։ Մեզ մոտ այդպիսի մի մարդասպան կար։ (ծան. հեղ.)։}'', դրա համար էլ էստեղ ընկաք։
Քրքիջը սաստկացավ։ Լրջամիտներն ավելի մեծ զայրույթով նայեցին։
― Էդ էլ էր սուտ,— բղավեց Սկուրատովը,— էդ Միկիտկան է իմ մասին բստրել, ու ոչ թե իմ մասին, այլ Վասկայի, ձեռի հետ ինձ էլ են խառնել։ Ես մոսկվացի եմ ու փոքրուց թափառելու սովոր։ Տերտերը, որ գրել-կարդալ էր սովորեցնում ինձ, մեկ-մեկ ականջս կքաշեր․ անգիր արա՝ «Գթա ինձ, Տեր Աստված, շնորհյա զողորմություն քո և այլն...»։ Ես էլ նրա ետևից կրկնում էի. «Ինձ ոստիկանատուն տարան քո ողորմությամբ, և էդպես շարունակ...»։ Էդպես էլ, ամենափոքրուց սկսեցի։
Բոլորը նորից քրքջացին։ Բայց Սկուրատովին հենց դա էր պետք։ Նա չէր կարող գժություն չանել։ Շուտով նրան թողեցին և անցան լուրջ խոսակցությունների։ Ավելի շատ դատողություններ էին անում ծերունիները և գործի գիտակները։ Ավելի ջահել ու խոնարհ մարդիկ սոսկ ուրախանում էին նրանց նայելով և գլուխներն էին խցկում՝ լսելու։ Խոհանոցում մեծ ամբոխ էր հավաքվել, անշուշտ, ենթասպաներ չկային։ Նրանց ներկայությամբ ամեն բան չէր ասվի։ Առանձնապես ուրախացողներից ես նկատեցի մի թաթարի՝ Մամետկային, կարճահասակ էր, այտոսկրերը ցից, չափազանց ցից, չափազանց կոմիկական անձնավորություն էր։ Նա համարյա ոչինչ չէր ասում ռուսերեն և համարյա ոչինչ չէր հասկանում, թե ինչ են ասում մյուսները, բայց նույնպես գլուխը խցկել էր մարդկանց արանքներով և լսում, վայելումով էր լսում։
― Ի՞նչ է, Մամետկա, յակշի՞,― անգործությունից նրան դիմեց բոլորից մերժված Սկուրատովը։
― Յակշի, ո՜ւխ, յակշի,— ամբողջովին աշխուժացած, մրթմրթաց Մամետկան, թափահարելով իր ծիծաղելի գլուխը,— յակշի։
― Նրանց չեն բռնի՞, յո՞կ։
― Յոկ, յոկ,— և Մամետկան կրկին բլբլացրեց, այս անգամ արդեն ձեռքերը թափահարելով։
― Ուրեմն, դու սուտ ասես, ես չհասկանամ, էդպե՞ս։
― Էդպես, էդպես, յակշի,― հարեց Մամետկան, գլուխը թափ տալով։
― Ուրեմն, յակշի։
Եվ Սկուրատովը, կտտացնելով նրա գդակին ու աչքերին իջեցնելով, ելավ խոհանոցից ամենաուրախ տրամադրությամբ, որոշ զարմանքի մեջ թողնելով Մամետկային։
Մի լրիվ շաբաթ տևեցին խստությունները բանտում և ուժեղացված հետապնդումները և որոնումները մերձակայքում։ Չգիտեմ, ինչ եղանակով, բայց կալանավորներն անմիջապես և ստուգապես ստանում էին լուրերը՝ բանտից դուրս ղեկավարության մանյովրների մասին։ Առաջին օրերը բոլոր լուրերը փախածների օգտին էին՝ ոչ ձայն, ոչ ծպտուն, կորել են ու վերջ։ Մերոնք միայն ծիածղում էին։ Ամեն այն անհանգստություն փախածների ճակատագրով չքացել էր։ «Ոչինչ էլ չեն գտնի, ոչ մեկին էլ չեն բռնի»,— խոսում էին մեզ մոտ ինքնագոհությամբ։
― Բան էլ չկա, փչոց է։
― Մնացեք բարով, հեչ չվախենաք, հրես կգանք։
Մեզ մոտ գիտեին, որ մերձակայքի բոլոր գյուղացիներին ոտքի են հանել, որ հսկում են բոլոր կասկածելի տեղերը, բոլոր անտառները, բոլոր ձորերը։
― Դատարկ բան է,— ասում էին մերոնք, խնդմնդալով,— հաստատ մի հավատարիմ մարդ են ունեցել, ում մոտ էլ հիմա ապրում են։
― Անպատճառ կա,— ասում էին մյուսները,— խելքը գլխին մարդիկ են, ամեն բան սկզբից դասավորել են։
Էլ ավելի խորացան ենթադրությունների մեջ. սկսեցին խոսել, որ փախածները մինչև հիմա կարող է, դեռ Ֆորշտադտում մի տեղ, նկուղում են ու սպասում են մինչև «տագնապը» անցնի ու մազերը բսնեն։ Կես տարի, մի տարի կնստեն, հետո էլ կգնան...
Մի խոսքով, բոլորը նույնիսկ մի տեսակ վիպական հոգեվիճակում էին, մինչև հանկարծ, փախուստից մի ութն օր անց լուր տարածվեց, թե հետքերը բռնել են։ Հասկանալի է, անհեթեթ լուրը տեղնուտեղը մերժվեց արհամարհանքով։ Սակայն նույն օրը երեկոյան լուրը հաստատվեց։ Կալանավորները սկսեցին անհանգստանալ։ Հաջորդ օրն առավոտյան, քաղաքում սկսեցին խոսել, որ արդեն բռնել են, բերում են։ Ճաշից հետո ավելի մանրամասներ իմացան. բռնել են յոթանասուն վերստ հեռու, ինչ-որ գյուղում։ Վերջապես ստացվեց ստույգ տեղեկություն։ Ֆելդֆեբելը, մայորի մոտից վերադառնալով, հայտարարեց հաստատապես, որ իրիկնադեմին կբերեն նրանց, ուղիղ կորդեգարդիա։ Կասկածելն այլևս անհնար էր։ Դժվար է նկարագրել կալանավորների վրա այդ լուրի թողած ազդեցությունը։ Սկզբում ճիշտ կարծես զայրացան, հետո՝ ընկճվեցին։ Հետո ծաղրի ինչ-որ նկրտում եղավ։ Սկսեցին ծիծաղել, բայց արդեն ոչ թե բռնողների, այլ բռնվածների վրա, սկզբում քչերը, հետո՝ համարյա բոլորը, բացառությամբ որոշ լրջմիտների և անհողդողդների, ովքեր մտածում էին ինքնուրույնաբար և ում հունից հանել չէին կարող ծաղրուծանակով։ Նրանք արհամարհանքով էին նայում զանգվածի թեթևամտությանը և լուռ էին։
Մի խոսքով, նույն չափով, որով նախկինում փառաբանում էին Կուլիկովին և Ա.֊ին, հիմա նույնչափ նսեմացնում էին, նույնիսկ վայելումով նսեմացնում։ Ճիշտ ասես ինչ-որ բանով նրանք վիրավորել էին բոլորին։ Պատմում էին արհամարհական տեսքով, որ նրանք շատ են ուզել ուտել, որ չեն դիմացել քաղցին և դյուզ գնացել՝ մուժիկներից հաց խնդրելու։ Դա արդեն նսեմացման վերջին աստիճանն էր փախչողի համար։ Իմիջիայլոց, բոլոր այդ պատմությունները ճիշտ չէին։ Փախածների հետքը բռնել էին, նրանք թաքնվել էին անտառում, չորս կողմից շրջապատել էին անտառը, ժողովրդի օգնությամբ։ Մերոնք, տեսնելով, որ փրկվելու հնար չկա, հանձնվել էին կամովին։ Անելու այլ բան չունեին։
Բայց երբ իրիկնադեմին իսկապես բերեցին նրանց, ձեռուոտ կապած, ժանդարմներով, ամբողջ տաժանավայրը դուրս թափվեց պարսպի մոտ՝ նայելու, թե ինչ են անելու նրանց հետ։ Ինչ խոսք, ոչինչ չտեսան, բացի մայորի և պարետի կառքերից՝ կորդեգարդիայի մոտ։ Փախածներին նստեցրին գաղտնի խցեր, շղթայեցին, վաղն ևեթ դատի տվեցին։ Կալանավորների ձեռառնոցին և արհամարհանքը չքացան շուտով, ինքնըստինքյան։ Իմացան գործը հանգամանորեն, իմացան, որ այլևս անելիք չկար, քան հանձնվելը, և սկսեցին սրտագին հետևել գործի ընթացքին դատարանում։
― Մի հազար հատ կշրխացնեն,— ասում էին ոմանք։
― Ի՜նչ հազար,— ասում էր մյուսր,— կսպան են։ Ա.֊ին վայ թե հազար տան, էն մեկին ծեծելով կսպան են, քանի որ, ախպերս, հատուկ բաժանմունքից է։
Այնինչ, չկռահեցին։ Ա.֊վին հասավ ընդամենը հինգ հարյուր, հաշվի առան նրա նախկին գոհացուցիչ վարքը և որ առաջին զանցանքն էր։ Կուլիկովին տվեցին, կարծեմ, մեկուկես հազար։ Պատժում էին բավականաչափ գթասրտորեն։ Որպես բանիմաց մարդիկ, դատարանի առաջ ոչ մեկին չխառնեցին, խոսում էին հստակ, ստույգ, ասացին, որ ուղղակի բերդից են փախել, ոչ մի տեղ չմտնելով։ Ամենքից շատ խղճում էի Կոլլերին. նա ամեն ինչ կորցրեց, իր բոլոր հույսերը, բոլորից շատ ստացավ, կարծեմ երկու հազար հարված և ուղարկվեց ինչ֊որ տեղ, որպես կալանավոր, միայն ոչ մեր բանտը։ Ա.֊վին թեթև պատժեցին, խղճալով, դրանում օգնեցին բժիշկները։ Բայց նա հոխորտում էր ու բարձրաձայն ասում հոսպիտալում, որ հիմա ինքն ամեն ինչի պատրաստ է և դեռ ուրիշ բաներ ունի անելու։ Կուլիկովն իրեն պահում էր, ինչպես միշտ, այն է պատկառազդու, ձաղկումից հետո վերադառնալով բանտ, այնպես էր նայում, կարծես երբեք չէր բացակայել։ Բայց ուրիշ կերպ էին նայում նրան կալանավորները. չնայած, որ Կուլիկովն ամենուրեք և միշտ կարողանում էր իրեն պաշտպանել, կալանավորները հոգու խորքում մի տեսակ դադարեցին նրան հարգել, մի տեսակ տնավարի վարվել նրա հետ։ Մի խոսքով, այդ փախուստից հետո Կուլիկովի փառքը բավականաչափ խամրեց։ Հաջողությունն այնքա՜ն բան է նշանակում մարդկանց միջև...
=== X։ Ելք տաժանակրությունից ===
Այդ ամենը կատարվեց իմ տաժանակրության արդեն վերջին տարում։ Վերջին այդ տարին համարյա թե նույնչափ արժանահիշատակ էր ինձ համար, ինչպես առաջինը, հատկապես վերջին օրերը բանտում։ Բայց ինչ խոսել մանրամասների մասին։ Հիշում եմ սոսկ, որ այդ տարին, չնայած պատժաժամկետն ավարտելու իմ համակ անհամբերությանը, ինձ համար ավելի դյուրին եղավ ապրելը, քան աքսորի նախորդ բոլոր տարիներին։ Նախ ե առաջ, կալանավորների մեջ արդեն շատ բարեկամներ ու մտերիմներ ունեի, որոնք վերջնականապես վճռել էին, որ լավ մարդ եմ։ Նրանցից շատերն ինձ նվիրված էին և անկեղծորեն սիրում էին։ Ինժեներական մասի զինվորը քիչ էր մնացել արտասվեր ինձ և ընկերոջս բանտից ուղեկցելիս, և երբ հետագայում, արդեն ազատված, մեկ լրիվ ամիս ապրում էինք այդ քաղաքում, պետական մի շենքում, համարյա ամեն օր գալիս էր մեզ մոտ, հենց այնպես, միայն մեզ տեսնելու։ Կային սակայն մինչև վերջ խստահայաց և անբարեհամբույր անձինք, ում համար կարծես գժվար էր բառ իսկ փոխանակել հետս՝ Աստված գիտե, թե ինչու։ Թվում էր մեր արանքում ինչ֊որ միջնորմ կա։ Վերջին շրջանում ես ընգհանրապես ավելի արտոնություններ ունեի, քան տաժանակրության ամբողջ ընթացքում։ Այդ քաղաքում զինվորական ծառայողների մեջ կային ինձ ծանոթներ և նույնիսկ դպրոցական վաղեմի ընկերներ։ Ես վերականգնել էի նրանց հետ իմ հարաբերությունները։ Նրանց միջոցով կարող էի ավելի շատ փող ունենալ, կարող էի նամակ գրել տուն և նույնիսկ գրքեր ունենալ։ Արդեն քանի տարի ես ոչ մի գիրք չէի կարդացել, և դժվար է նկարագրել այն տարօրինակ, միևնույն ժամանակ հուզառատ տպավորությունը, որ ինձ վրա թողեց բանտում կարդացած առաջին գիրքը։ Հիշում եմ, սկսեցի կարդալ երեկոյից, երբ կողպեցին բանտասենյակը, և կարդացի ամբողք գիշեր, մինչև այգաբաց։ Ամսագրի մի պրակ էր դա։ Ասես լուր հասավ ինձ այն աշխարհից, նախորդ կյանքս՝ ամբողջովին վառ ու լուսավոր, հառնեց իմ առաջև և ես ջանացի ընթերցածից կռահել. արդյո՞ք շատ եմ ետ մնացել այն կյանքից, շատ բա՞ն են ապրել նրանք այնտեղ, առանց ինձ, հիմա ի՞նչ է հուզում նրանց, ի՞նչ հարցեր են հիմա զբաղեցնում։ Ես կպչում էի բառերից, կարդում տողերի արանքը, ջանալով գտնել խորհրդավոր իմաստ, ակնարկումներ նախկինի վերաբերյալ, որոնում այն ամենի հետքերն, ինչ նախկինում, իմ ժամանակ, հուզում էր մարդկանց, և հիմա ինչքան տխրալի էր ինձ համար, գործնականորեն գիտենալ, ինչ աստիճանի խորթ եմ նոր կյանքի համար, դարձել եմ կտրված շերտիկ։ Հարկ էր ընտելանալ նորին, ծանոթանալ նոր սերնդին։ Հատկապես վրա պրծա մի հոդվածի, որի տակ գտա ծանոթ, նախկինում մոտ մարդու անունը... Բայց արդեն զրնգում էին նոր անուններ, ի հայտ էին եկել նոր գործիչներ, և ես անհագորեն շտապում էի նրանց հետ ծանոթանալ և բարկանում, որ այնքան քիչ գիրք ունեմ, և որ այնքան դժվար է լինելու հասնել նրանց։ Իսկ նախկինում, նախորդ պլաց-մայորի օրոք, նույնիսկ վտանգավոր էր գիրք մտցնել տաժանավայր։ Խուզարկության դեպքում անպայման հարցեր կլինեին. «Որտեղի՞ց են գրքերը, որտեղի՞ց ես վերցրել։ Նշանակում է, կապե՞ր ունես...»։ Իսկ ի՞նչ կարող էիր պատասխանել նման հարցերին։ Այդ պատճառով էլ, ապրելով առանց գրքի, ակամա խորանում էի ինքս իմ մեջ, ինքս ինձ հարցեր տալիս, երբեմն չարչարվում դրանց վրա... Սակայն այդ ամենը վերապատմել չի լինի...
Ես բանտ էի մտել ձմռանը, դրա համար էլ ձմռանը պիտի ազատվեի նույն ամսաթվին, որին եկել էի։ Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում ձմռանը, ի՜նչ հաճույքով էի նայում ամռան վերջին, թե ինչպես է թոշնում տերևը ծառի վրա և խունանում խոտը տափաստանում։ Բայց ահա, ամառն էլ անցավ արդեն, ոռնաց աշնան քամին, ահա արդեն օդում սկսեց ճախրել առաջին ձյունը... Վերջապես, հասավ այդ ձմեռը, վաղուց սպասված ձմեռը։ Սիրտս երբեմն սկսում էր խուլ և պինդ բաբախել ազատության վիթխարի կանխազգացումից։ Բայց տարօրինակ բան. ինչքան ավելի ժամանակ էր անցնում, ինչքան ավելի էր մոտենում ավարտը, այնքան ավելի ու ավելի համբերատար էի դառնում։ Ամենավերջին օրերին նույնիսկ զարմացա և կշտամբեցի ինքս ինձ. թվաց, թե դարձել եմ կատարելապես սառնարյուն և անտարբեր։ Ազատ ժամանակը բակում զբոսնող կալանավորները հանդիպելիս խոսքի էին բռնվում հետս, շնորհավորում։
― Ահա և կաղատվեք, պատվելի Ալեքսանդր Պետրովիչ, շուտով, շուտով կազատվենք։ Մեզ մենակ կթողնեք, անտեր։
― Իսկ ի՞նչ, Մարտինով, ձե՞զ ինչքան է մնացել,— կպատասխանեի։
― Էդ ի՜նձ, է ինչ ասեմ։ Մի յոթը տարի կա չարչարվելու...
Եվ հոգոց կհաներ, կանգ կառներ, նայելով ցրված, ճիշտ կարծես ապագայի խորքը նայելով... Այո, շատերն էին անկեղծաբար և ուրախությամբ շնորհավորում։ Ինձ թվաց, թե կարծես բոլորն էլ ավելի բարեհամբույր են սկսվել վարվել հետս։ Երևում էր, նրանց համար դառնում էի արդեն ոչ յուրային, նրանք արդեն հրաժեշտ էին տալիս ինձ։ Լեհ ազնվականներից Կ.֊չինսկին, հեզաբարո և մեղմ մի երիտասարդ, ինձ պես սիրում էր ազատ ժամանակ շատ քայլել բակում։ Մտածում էր, որ մաքուր օդով և զբոսանքով կպահպանի առողջությունը և բանտասենյակի գիշերների հեղձուկի ամբողջ վնասի տեղը կհանի։ «Ես անհամբեր սպասում եմ ձեր դուրս գալուն,— ասաց նա մի անգամ, հանդիպելով ինձ զբոսանքին,— դուք դուրս կգաք, ես էլ ''այդ ժամանակ կիմանամ'', որ ճիշտ մի տարի է մնացել ինձ՝ մինչև դուրս գալս»։
Հպանցիկ նշեմ այստեղ, որ ըղձականությունից և տևական ետ վարժվելուց, ազատությունը մեր բանտում թվում էր մի տեսակ ավելին իսկական ազատությունից, այսինքն՝ նրանից, ինչ կա իսկապես, իրականության մեջ։ Բանտարկյալները չափազանցնում էին ըմբռնումն իսկական ազատության մասին, և դա այնքան էր բնական, այնպես էր բնորոշ ամեն կալանավորի։ Սպայական ամեն մի գջլոտ սպասյակ մեզ մոտ համարյա թագավոր էր համարվում, համարյա թե ազատ մարդու իդեալ՝ համեմատած կալանավորների հետ, այն պատճառով, որ նա ման էր գալիս չխուզված, առանց կալանդների և առանց պահախմբի զինվորի։
Ամենավերջին օրվա նախօրեին, մթնշաղին, ես ''վերջին անգամ'' շրջեցի պարսպի բոլորքով մեր ամբողջ բանտը։ Քանի հազար անգամ էի շրջել պարիսպների մոտով այս ամբողջ տարիների ընթացքում։ Այստեղ, բանտասենյակների ետևում էի թափառում իմ տաժանակրության առաջին տարում որբացած, սպանված։ Հիշում եմ, ինչպես էի այն ժամանակ հաշվում, քանի հազար օր է մնացել։ Տեր Աստված, ինչքա՜ն վաղուց էր դա։ Ահա այստեղ, այս անկյունում էր ապրում մեր արծիվը՝ գերության մեջ, ահա այստեղ էր ինձ հաճախ հանդիպում Պետրովը։ Նա հիմա էլ ետ չէր մնա ինձանից։ Մոտ կվազեր և մի եղանակով կռահելով մտքերս, կքայլեր կողքիցս և ճիշտ կարծես ինքն իր ներսում կզարմանար։ Մտովի հրաժեշտ էի տալիս մեր բանտասենյակների այդ սևացած, գերանակապ խրճիթներին։ Ինչքա՜ն անբարեհամբույր՝ ապշեցրին ''այն ժամանակ'', առաջին շրջանում։ Պետք է որ դրանք հիմա հնացած լինեն, այն ժամանակվա համեմատությամբ, բայց ինձ դա նկատելի չէր։ Եվ այս պատերի մեջ ինչքա՜ն երիտասարդություն է թաղված զուր տեղր։ Չէ որ պետք է արդեն ամեն ինչ ասել, չէ որ այդ ժողովուրդն անսովոր ժողովուրդ է։ Զէ որ գուցեև մեր ժողովրդի ամենաշնորհալի, ամենաուժեղ հատվածը։ Բայց ապարդյուն զոհ գնացին հուժկու ուժեր, զոհվեցին անբնականորեն, ապօրինի, անդարձ։ Իսկ ո՞վ է մեղավոր։
Հենց դա է որ կա՝ ո՞վ է մեղավոր։
Հաջորդ օրը, վաղ առավոտյան, դեռ գործի գնալուց առաջ, հենց սկսեց լուսանալ, շրջեցի բոլոր բանտասենյակներում, բոլոր կալանավորներին հրաժեշտ տալու։ Բազում կոշտուկապատ, հուժկու ձեռքեր պարզվեցին ինձ՝ բարեկամաբար։ Ոմանք սեղմում էին լրիվ ընկերավարի, սակայն քիչ էին նրանք։ Մյուսները շատ լավ հասկանում էին արդեն, որ հիմա բոլորովին ուրիշ մարդ կդառնամ, քան իրենք են։ Գիտեին, որ քաղաքում ծանոթություններ ունեմ, որ այստեղից անմիջապես կգնամ ''պարոնների'' մոտ և կնստեմ նրանց կողքին՝ հավասարի պես։ Նրանք դա հասկանում էին և հրաժեշտ տալիս թեև հաճույքով, թեև սիրալիր, բայց ամենևին ոչ ընկերոջ պես, այլ ասես մի պարոնի։ Ոմանք էլ երես էին դարձնում ու խստահայաց չէին պատասխանում իմ հրաժեշտին։ Ոմանք էլ նայում էին նույնիսկ մե տեսակ ատելությամբ։
Զարկեց թմբուկը և բոլորը գնացին գործատեղ, իսկ ես մնացի տանը։ Սուշիլովն այդ առավոտ արթնացել էր համարյա բոլորից շուտ և ամբողջ ուժով բնբնում էր, որ հասցնի թեյ պատրաստել ինձ համար։ Խե՜ղճ Սուշիլով, նա լաց եղավ, երբ իրեն իմ կալանավորական հնոտիքը, շապիկները, կալանդի տակդիրները և մի քիչ փող։ «Ինձ էդ չի, էդ չի պետք,― ասում էր, հազիվ զսպելով թրթռացող շրթունքը,— ձեզ ինչպես կորցնեմ, Ալեքսանդր Պետրովիչ, ում հույսին եմ մնալու էստեղ, առանց ձեզ»։ Վերջին անգամ հրաժեշտ տվեցի Ակիմ Ակիմիչին։
― Շուտով՝ դուք էլ,— ասացի նրան։
― Ինձ դեռ շ-շատ կա, դեռ շ-շատ երկար պիտի մնամ,— մրմնջում էր նա, ձեռքս սեղմելով։ Ես նետվեցի՝ նրա վիզը գրկելու, մենք համբուրվեցինք։
Կալանավորների դուրս գալուց տասը րոպե անց մենք էլ ելանք բանտից, որ էլ երբեք չվերադառնանք ես և ընկերս, ում հետ եկել էինք։ Հարկ էր գնալ ուղիղ դարբնոց, որ կալանդները հանեին։ Բայց արդեն հրացանով զինվոր չէր ուղեկցում մեզ՝ գնացինք ենթասպայի հետ։ Մեզ շղթայազերծ արեցին հենց մեր կալանավորները, ինժեներական արհեստանոցում։ Ես սպասեցի, մինչև կշղթայազերծեին ընկերոջս, հետո ինքս էլ մոտեցա զնդանին։ Դարբիններն ինձ գլորեցին՝ մեջքով իրենց կողմը, ետևից բարձրացրին ոտքս, դրեցին զնդանին... Նրանք իրար էին անցել, ուզում էին ավելի հարմար ու լավ անել գործը։
― Դուրգամը, առաջուց դուրգամը թուլացրու աջուձախ պտտի,— հրամայեց ավագը,— էդպես դիր, այ էդպես, լավ է... Հիմա մուրճով խփի...
Կալանդներն ընկան։ Ես վերցրի... Ուզեցա ձեռքումս պահել, վերջին անգամ նայել դրանց։ Ճիշտ կարծես զարմացել էի, որ դրանք հենց նոր ոտքերիս վրա էին։
― Դե, Աստված քեզ հետ, Աստված քեզ հետ,— ասացին կալանավորներն ընդհատ, կոպիտ, բայց կարծես ինչ-որ բանից գոհ ձայներով։
Այո, Աստված մեզ հետ։ Ազատություն, նոր կյանք, հարություն մեռելներից․․․ Ինչ փառավոր պահ էր։
'''Վերջ երկրորդ մասի'''
== Ծանոթագրություններ ==
<references/>