}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
{{անավարտ}}
Նման մարդիկ կարող են արարքներ գործել և օրինակ լինել ուրիշների համար՝ հենց դա է ճշմարիտ վարքը։
== Գլուխ յոթերորդ ==
'''7.1.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ես միջնորդ եմ հնի ու նորի միջև, բայց ես անձամբ ոչ մի նոր բան չեմ ստեղծում։ Ես հավատում եմ հնին և սիրում եմ այն։ Դրանով ես նման եմ մեր Լաո Պենին։
'''7.2.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ներքին խաղաղությամբ լի՝ պահապան լինել գիտությանը, սովորել՝ առանց ձանձրույթ զգալու, լույս տալ ուրիշներին՝ առանց հոգնության, հետաքրքիր է իմանալ՝ սրանցից ո՛ր մեկն է ինձ արդեն հաջողվել։
'''7.3.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Բարոյականությունը և բնավորությունը արհամարվում են։ Անհասկանալի է մնում այն, ինչ սովորում ենք։ Գիտակցում ենք պարտականությունները, բայց արհամարում ենք դրանք։ Երբ մեկի թերությունը մատնացույց ես անում, նա բոլորովին էլ չի աշխատում փոխվել։
Սրանք մտահոգում են ինձ։
'''7.4.''' Ազատ ժամերին Ուսուցիչը ներգործում էր հանգստությամբ և զվարթությամբ։
'''7.5.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Սարսափելի ընկճված եմ։ Վաղուց է, ինչ երազումս չեմ տեսնում Չժոու-Գունին<ref>Չժոու-գունը Լու պետության թագավորն էր։ Կոնֆուցիոսը շատ բարձր է գնահատում նրան։</ref>։
'''7.6.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ձգտեք ճշմարտությանը, եղհք մարդասեր, բարիք գործեցեք Ա զբաղվեք արվեստներով։
'''7.7.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Երբևիցե ես չեմ հրաժարվել որևէ մեկին ուսուցանելուց, եթե անգամ նա իր հետ բերել է ամենացածր վարձը<ref>Պետք է նկատի ունենալ, որ Հին Չինաստանում ուսման վարձը ավելի շատ քաղաքավարական ժեստ էր, քան իսկական վարձատրություն։</ref>։
'''7.8.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով ձգտում չունի, ես նրա առաջ չեմ կարող բացել ճշմարտությունը։ Ով ինքն անձամբ չի փնտրում ճշմարտությունը, ես չեմ կարող ուսուցանել նրան։ Ասենք, եթե ես մեկին ցույց եմ տալիս մի անկյուն, իսկ նա դրա հիման վրա չի կարողանում դատել նաև մյուս անկյունների մասին, այդ դեպքում ես այդ բանը նրա համար այլևս չեմ կրկնում։
'''7.9.''' Երբ սգավոր մարդ էր լինում կողքին նստած, Ուսուցիչը ոչ մի անգամ կուշտ չէր ուտում։
'''7.10.''' Եթե պատահում էր, որ արտասվում էր, ապա նույն օրն այլևս չէր երգում։
'''7.11.''' Կոնֆուցիոսն ասաց Ցան Հուին.
— Հասարակության նկատմամբ պարտքը կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ պիտանի ես որևէ բանում։ Եթե ոչ մի տեղ քո կարիքը չկա, ավելի լավ է՝ թողնես, հեռանաս։ Բայց այդպես վարվել կարող ենք միայն ես և դու։
Ցզի-լուն հարցրեց.
— Ուսուցիչ, եթե ունենայիք մի մեծ բանակ, ո՞ւմ կուզենայիք, որ Ձեր կողքին լիներ։
— Չէի ուզենա իմ կողքին լիներ նա, ով մերկ ձեռքերով նետվում է վագրի վրա, և նա, ով առանց նավակ ունենալու, փորձում է գետն անցնել, բայց խեղդվում է։
Դա պետք է լիներ այնպիսի մեկը, որ գործում է զգույշ, խնամքով կանխատեսելով ամեն ինչ և վերջապես հասնում է այն նպատակին, որը ծրագրել է։
'''7.12.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե հնարավոր լիներ արդար ճանապարհով հասնել հարստության, ապա ես ինքս էլ դա կուզենայի, անգամ որպես ձիապան ծառայելու պայմանով։ Բայց քանի որ դա հնարավոր չէ, ուրեմն ես կզբաղվեմ այն հետաքրքրություններով, որոնք ունեմ։
'''7.13.''' Ծիսական օրենքների, պատերազմների և հիվանդության նկատմամբ Ուսուցիչն առանձնահատուկ վերաբերմունք ուներ։
'''7.14.''' Այն բանից հետո, երբ Ցի պետության մեջ Ուսուցիչը լսել Էր հին կայսր Շունի երաժշտությունը, երեք ամիս շարունակ չէր կարողանում զգալ մսի համը։
— Ես չէի կանխատեսել, որ երաժշտությունը կարող է այդքան ազդել ինձ վրա<ref>Շուն կայսեր երաժշտությունը, որ հետնորդն էր առասպելական Յաո կայսրի, աչքի էր ընկնում բարոյական կատարելությամբ ու գեղեցկությամբ ըստ Կոնֆուցիուսի։</ref>։
'''7.15.''' Աշակերտ Ռան Սյուն հարցրեց.
— Ուսուցիչը հավանո՞ւմ է Վեյի իշխանին։
Ցզի-գունը խոստացավ հարցնել Ուսուցչին և մտնելով նրա մոտ, ասաց.
— Ի՞նչ մարդիկ էին Բո-ին և Շու-ցին։
— Հնադարյան երկու իմաստուններ,— եղավ պատասխանը։
Ցզի-գունը շարունակեց.
— Չէ՞ որ նրանք երկուսն էլ հրաժարվեցին իշխանությունից։ Եվ այդ պատճառով էլ դժգոհ էին իրենց ճակատագրից։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Նրանք ձգտեցին ճշմարտության և հասան նրան։ Ուրեմն ինչո՞ւ պետք է դժգոհ լինեին իրենց ճակատագրից։
Ցզի-գունը դուրս եկավ Ուսուցչի մոտից և ասաց.
— Նա Վեյի իշխանին չի հավանում։
'''7.16.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Մի կտոր հաց՝ ուտելու համար, մի պատ ջուր՝ խմելու և որպես բարձ՝ քո սեփական թևը՝ գլխատակիդ դրված, ահա դրանցով էլ կարող է մարդ բավարարվել և երջանիկ զգալ իրեն։ Դրան հակառակ շատ բարիքներ ու շնորհներ, որ ձեռք են բերվում անարդար ճանապարհով, ինձ վրա սոսկ ամպի տպավորություն են թողնում, որ անցնում են երկնքով։
'''7.17.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե կյանքս երկարեր ևս մի քանի տարով, ապա ես հիսուն անգամ ևս կկարդայի «Թափառումների գիրքը»՝ մեծ սխալներից խուսափելու համար։
'''7.18.''' Ինչի՞ մասին էր ավելի հաճախ խոսում Ուսուցիչը՝ երգերի, պատմական դեպքերի և ծեսերի մասին։ Դրանք նրա սիրած թեմաներն էին։
'''7.19.''' Շեի կառավարիչը հարցրեց աշակերտ Ցզի-լուին, թե ինչպիսի մարդ է Կոնֆուցիոսը։ Սակայն Ցզի-լուն ոչ մի պատասխան չտվեց։
Դրա վրա Ուսուցիչն ասաց Ցզի-լուին.
— Ինչու նրան ուղղակի չասացիր՝ «Նա մի մարդ է, որ տարերքի մեջ մոռանում է քաղցը, իսկ ուրախության մեջ՝ հոգսերը. մի մարդ է նա, որ չի նկատում, թե ինչպես է մոտենում ծերությունը»։
'''7.20.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ես իմաստուն չեմ ծնվել, բայց ես սիրում եմ անցյալը և եռանդագին ուսումնասիրում եմ այն։
'''7.21.''' Ինչի՞ մասին չէր ուզում խոսել Ուսուցիչը՝ հմայությունների, ֆիզիկական ուժի, խռովությունների և ոգիների։
'''7.22.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Յուրաքանչյուր երեք մարդու մեջ կա մեկը, որից ես կարող եմ սովորել։ Ես նկատում եմ լավ հատկանիշները և հետևում դրանց։ Ես նկատում եմ նաև վատ հատկանիշները և ձգտում դրանք լավացնել։
'''7.23.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Երկինքն արդեն ինձ շնորհել է բարոյական ուժ, ուրեմն էլ ի՞նչ կարող են ինձ հետ անել թշնամիները։
'''7.24.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Զավակներս, կարծում եք, թե ես ձեզանից որևէ բա՞ն եմ թաքցնում։ Ես ձեզանից ոչ մի գաղտնիք չունեմ։ Այն ամենը, ինչ ես կատարում եմ, կատարում եմ Ձեր աչքերի առաջ։ Դա է իմ վարվելակերպը։
'''7.25.''' Չորս բան էր սովորեցնում Ուսուցիչը՝ ճանաչել հին այբուբենը, ճիշտ գործել, հավատարիմ և կայուն լինել, լինել արդարացի և հավատացյալ։
'''7.20.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Մինչև օրս ինձ չի վիճակվել տեսնելու իմաստունի։ Ուրախ կլինեի նաև, եթե երբևիցե հանդիպեի մի ազնվականի։
Ապա շարունակեց.
— Մինչև օրս ինձ չի վիճակվել տեսնելու իրոք մի բարի մարդ։ Եթե գտնեի մեկին, որն համառորեն ձգտում է բարուն, ապա արդեն երջանիկ կլինեի։
Բայց ինչպես կարող է մարդը հաստատակամորեն դեպի բարին ձգտել, եթե ոչինչ չունի, բայց ներկայանում է, թե ամեն ինչ անի, եթե լիքն է ներկայացնում այն, ինչ ամբողջովին դատարկ է, եթե աղքատ է, բայց ձևացնում է, թե հարուստ է։
'''7.27.''' Ուսուցիչը ձուկը որսում էր ոչ թե ցանցով, այլ կարթով։ Թոչուններ նույնպես որսում էր, բայց ոչ նրանց, որ արդեն իջել են գետնին։
'''7.28.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Հավանաբար կան մարդիկ, որ գործեր են անում, չիմանալով ինչի համար։ Ես այդպիսին չեմ։
Շատ լսել, ընտրել դրանցից բարին և հետևել դրան, շատ տեսնել և տեսածը պահել հիշողության մեջ՝ ահա թե որն է գիտելիքներ ձեռք բերելու բանալին։
'''7.29.''' Հու-սիանցիների հետ դժվար էր զրույցի բռնվել, քանի որ քչախոս մարդիկ էին։ Այդ պատճառով էլ Ուսուցչի աշակերտները զարմացան, երբ այդ կողմերից մի տղա ցանկացավ տեսնել Կոնֆուցիոսին։
Բայց Ուսուցիչն ասաց.
— Թողեք թող ներս գա, մի մերժեք նրան։ Ինչո՞ւ դաժան լինել։ Եթե նա ինձ մոտ է գալիս հոգեպես մաքրվելու համար, ուրեմն պետք է օգնել նրան։ Նման դեպքերում ավելի լավ է մոռանալ, թե նա ինչպիսին է եղել նախկինում։
'''7.30.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Մի՞թե մարդասիրությունն այդքան հեոու է մեզնից։ Բայց մենք անպայման կհասնենք նրան, եթե իսկապես ցանկանանք։
'''7.31.''' Չեն պետության արդարադատության նախարարը հետաքրքրվեց, թե արդյոք Լուի իշխան Չժաո-գունը գիտե՞ պատշաճության և վարքի օրենքները։ Կոնֆուցիոսը դրական պատասխան տվեց։
Երբ Ուսուցիչը հեռացավ, նախարարը խոնարհվեց աշակերտ Ու-մա Ցիին և հրավիրեց իր մոտ։ Ապա նա պատմեց աշակերտին. «Ես լսել եմ, որ ազնվականը անաչառ և անկողմնակալ է լինում։ Բայց միթե նրանք էլ իրենց վճիռների մեջ երբեմն սխալվում են։ Լուի իշխանը ամուսնացավ մի աղջկա հետ, որ Վու պետությունից էր և պատկանում էր նույն տոհմին։ Ընդդեմ օրենքների կատարված այդ զանցանքը ծածկելու և ամուսնությունը գլուխ բերելու համար նա պարզապես փոխեց աղջկա անունը։
Ուրեմն էլ ինչպե՞ս կարոդ է Չժաո-գունը պատշաճության և վարքի օրենքներն իմանալ։
Ու-մա Ցին այդ մասին պատմեց Կոնֆուցիոսին։ Ուսուցիչն ասաց.
— Երբ ես սխալներ եմ կատարում, ապա դրանք նկատում են բոլորը։ Դա իմ երջանկությունն է։
'''7.32.''' Երբ Ուսուցիչը լինում էր մեկի հետ, որը լավ երգում էր, ապա խնդրում էր նրան երգել նորից և ինքն էլ երգում էր հետը։
'''7.33.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ճիշտ է, կրթվածությամբ և գիտելիքներով ես մյուսներից ետ չեմ մնում։ Բայց ես դեռ չեմ հասել նրան, որ մարդկանց մեջ ինձ պահեմ այնպես, ինչպես ազնվականը։
'''7.34.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ինչ վերաբերվում է կատարելությանն ու ճշմարիտ բարոյականությանը, ապա ես ինչպե՞ս կարող եմ համարձակվի դրանցով պարծենալ։ Ես ձգտում եմ դրանց՝ առանց ընկճվելու։ Ես սովորեցնում եմ ուրիշներին՝ առանց հոգնելու։ Այսպես կարելի է ասել իմ մասին, բայց ոչ ավելին։
Գուն-ցի Հուան նկատեց.
— Այսինքն դա հենց այն է, ինչ մենք՝ աշակերտներս ի վիճակի չենք տովորել։
'''7.35.''' Ուսուցիչը ծանր հիվանդ էր։ Աշակերտ Ցզի-լուն ցանկանում էր աղոթել նրա համար։
Կոնֆուցիոսը հարցրեց.
— Ի՞նչ իմաստ ունի դա անել։
— Ունի,— ասաց Ցզի-լուն,— աղոթքի մեջ ասվում է. «Դիմում ենք ձեզ՝ երկնքի և երկրի ոգիներ...»։
Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե այդպես է, ուրեմն ես աղոթում եմ ի սկզբանե։
'''7.36.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Շռայլությունը ծնում է անհնազանդություն, իսկ ժուժկալությունը տանում է պարզության։ Ուստի պարզությունն ավելի լավ է, քան անհնազանդությունը։
'''7.37.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականը հավասարակշռված է և հոգեպես հանգիստ։ Ընդհակառակը, հասարակ մարդը հոգեպես անհանգիստ է և մշտապես ապրում է կարիքի ու վախի մեջ։
'''7.38.''' Ուսուցիչը սիրալիր էր, բայց լի արժանապատվությամբ, պատկառանք ներշնչող էր, բայց ոչ դաժան, նա քաղաքավարի էր, բայց ներքուստ հավասարակշռված:
== Գլուխ ութերորդ ==
'''8.1.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Թաի-բոի մասին կարելի է ասել, որ նրա վարքը բարձրագույն բարոյականության օրինակ է։ Երեք անգամ նա հնարավորություն ունեցավ իշխանություն ձեռք բերելու, սակայն երեք անգամ էլ հրաժարվեց։ Եվ քանի որ նա իր վեհանձն գործերի մասին բարձրաձայն չէր խոսում, ուստի դրանք մնացին անհայտ, և նա իր մասին գովասանքի պտուղներ չճաշակեց։
'''8.2.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Անտանելի է այն քաղաքավարությունը, որ ոչ չափ և ոչ էլ սահմաններ է ճանաչում։
Չափից դուրս զգուշավորությունը կարող է վերածվել վախի, արիությունը՝ ըմբոստության և անհնազանդության։
Արդարացիությանը կարող է դառնալ վիրավորական, եթե անցնի պատշաճության սահմանը։
Եթե իշխանը իր մարդկանց հետ վարվի այնպես, ինչպես պատշաճ է, ապա նրանից օրինակ կվերցնի ժողովուրդը և բարի գործեր կկատարի։ Եթե իշխանը բարի սովորությունները չմերժի և հին բարեկամներին չմոռանա, ապա ժողովրդին նույնպես խորթ կլինի ստորությանն ու անարգ վարքը։
'''8.3.''' Հիվանդանալով, Ցզեն-ցզին իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց.
― Նայեք իմ ոտքերին ու ձեռքերին, տեսեք, թե ինչ անվնաս են դրանք։ «Երգերի գրքում» գրված է՝ «Զգույշ և ուշադիր եղեք, երբ կանգնած եք խոր անդունդի առաջ, երբ քայլում եք բարակ սառույցի վրայով»։ Ես միայն հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է իրեն փորձանքներից պահպանելը<ref>Փոքր-ինչ դժվար է մեկնաբանվում այս զրույցը։ Հավանաբար նկատի ունի այն, որ ծնողների նկատմամբ պարտականությունները պահանջում են զավակներից, որ սրանք անվնաս պահեն իրենց մարմինները, քանի որ դրանք գոյացել են ծնողներից։</ref>։
'''8.4.''' Երբ Ցզեն-ցզին հիվանդ էր, նրան այցի եկավ Մեն Յին-ցզին՝ առողջության մասին հարցնելու։
Ցզեն-ցզին ասաց նրան.
― Տխուր է լինում մեռնող թռչունի երգը։ Երբ մարդը մոտ է մահվանը, ասում է իր վերջին խոսքերը։ Եվ ահա ես ասում եմ՝ աստիճան և արժանապատվություն ունեցող մարդիկ պետք է ուշադիր լինեն երեք բանում.
Իրենց վարքի մեջ նրանք երբեք չպետք է լինեն անզգույշ և կոպիտ։
Նրանց դիմախաղերը պետք է լինեն ներդաշնակ և վստահություն արթնացնող։
Նրանց խոսքի և ձայնի մեջ չպետք է զգացվի թաքուն ու անպատեհ ոչ մի բան։
Եվ այդ ամենի հետ մեկտեղ նրանք չպետք է առանձնահատուկ ուշադրության դարձնեն ամեն տեսակ մանրուքների վրա։
'''8.5.''' Ցեն-ցզին ասաց.
— Տարիներ առաջ ես մի այսպիսի բարեկամ ունեի, մեծ ընդունակություններ ունենալով հանդերձ՝ սովորության ուներ հարցնել նրանցից, ովքեր քիչ բան գիտեին։ Նա շատ բան գիտենալով, սովորում էր նաև նրանցից, ովքեր ավելի քիչ գիտեին։ Նա միշտ պահպանում էր չափը։ Լիքը լինելով գիտելիքներով, նա իրեն սովորական մարդու պես էր պահում։ Եվ շատ վիրավորվում էր, երբ փոքր-ինչ նեղացնում էին։
'''8.6.''' Ցեն-ցզին ասաց.
― Ազնվակա՞ն է արդյոք այն մարդը, որին պետությունը կարելի է վստահել ճիշտ այնպես, ինչպես որբ երեխան են վստահում, և որը բռնության դեպքում անգամ հետ չի կանգնում իր համոզմունքներից։
Այո՛, այդպիսի մարդը ազնվական է։
'''8.7.''' Ցեն-ցզին ասաց.
— Գիտնական մարդը չի կարող սահմանափակ լինել։ Նրան անհրաժեշտ են հաստատակամության և քաջություն։ Նրա հոգսը ծանր է և ճանապարհը՝ երկար։
Մի՞թե ծանր հոգս չէ նվիրվել աշխարհում մարդասիրության տարածման դժվարին պարտականությանը։
Եվ մի՞թե երկար ճանապարհ չէ այն, երբ լոկ մահվամբ են ընդհատվում երազներդ։
'''8.8.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Բանաստեղծությունը վեհացնում է մարդուն։
Ծեսերը պարգևում են անդորրություն։
Երաժշտությունը նրան դարձնում է կատարյալ։
'''8.9.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ժողովրդին կարելի է հնազանդ դարձնել, բայց իմաստուն՝ երբեք։
'''8.10.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Խռովության աղբյուր է քաջությունն ու խիզախությանը սիրելը և աղքատությունն արհամարհելը։
Խռովության աղբյուր է նաև այն, երբ սաստիկ ատում ես նրանց, ովքեր անարդար բան են կատարել։
'''8.11.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ձժոու-գունի զարմանալի ընդունակությունները և տաղանդն ունեցող մարդն անգամ, եթե գոռոզ է ու ժլատ, ապա նրա բոլոր առաքինությունները ոչ մի արժեք չունեն։
'''8.12.''' Դժվար թե հնարավոր լինի հանդիպել մեկին, որը երեք տարի սովորելուց հետո չմտածի պաշտոն ստանալու մասին։
'''8.13.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվորեն սովորիր քայլել ճշմարիտ ճանապարհով և հավատարիմ մնալ նրան մինչև քո կյանքի վերջը։
Մի գնա այն երկիրը, որտեղ անհաստատ կարգեր են իշխում։
Մի մնա այն պետության մեջ, որտեղ խառնակություն կա։ Աչքի ընկիր այն ժամանակ, երբ պետության մեջ կարգուկանոն կա, հակառակ դեպքում զուսպ պահիր քեզ։
Եթե մի երկիր գնում է ճշմարիտ ճանապարհով և իշխում է կարգ ու կանոնը, ապա ամոթ է, որ մարդ այնտեղ ապրի աղքատ և ամենացածր դիրք անգամ չունենա։
Ընդհակառակը, եթե մի երկիր ճշմարիտ ճանապարհի վրա չէ, ապա ամոթ է այնտեղ հարուստ ապրելն ու պատիվներ ունենալը։
'''8.14.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ամեն մի գործի մասին հետաքրքրվում է նա, ով այդ գործից բան է հասկանում։
'''8.15.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Երբ մեծ երաժիշտ Չժին անցավ ծառայության, Խուան-Յու-Լիդի վերջին օրերը լցրեց երաժշտությամբ:
'''8.16.''' Կոնֆուցիուսն ասաց.
― Ես չեմ կարող ընդունել, երբ վճռականությունը ցուցադրում են, իսկ անկեղծությանը՝ թաքցնում։
Երբ հիմար են լինում և դրա հետ էլ ոչնչով չեն հետաքրքրվում։
Չեմ կարող ընդունել այն, երբ մեկն անձամբ ոչինչ չգիտի, բայց չի հավատում նաև ուրիշներին։
'''8.17.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Սովորեք այնպես, ասես վախենալով, որ ոչնչի չեք հասնի, որ կկորցնեք այն ամենը, ինչ սովորել եք։
'''8.18.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ի՜նչ մեծ ու բարձր էին Շուն ու Յու հարստության հին կայսրերը։
Նրանք կառավարում էին աշխարհը, առանց մտածելու իրենց անձի մասին, առանց իշխանատենչության ու շահի։
'''8.19.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ի՜նչ մեծ էր Յաոն որպես տիրակալ, ինչ բարձր։
Մեծ է միայն երկինքը, և միայն Յաոն է համապատասխանում նրան։ Նրա մեծությունն այնքան անչափելի է, որ ժողովուրդը չի կարողացել գտնել նրա ճիշտ անունը։
Անհասանելիորեն բարձր է այն ամենը, ինչ կատարել է նա, և վսեմ են այն օրենքները, որոնցով նա կյանքի մեջ կարգ ու կանոն էր մտցնում։
'''8.20.''' Ծեր կայսր Շունը ուներ հինգ պաշտոնյա, և երկնքի տակ իշխում էր կարգուկանոնը։
Արքա Վուն ասում էր. «Ես տաս գործիմաց պաշտոնյաներ ունեմ»։
Կոնֆուցիոսն ասաց.
― Այսինքն, ընդունակ մարդիկ դժվար են գտնվում, այնպէս չէ՞։ Բայց երբ ապրում էին Յաո և Շուն կայսրերը, զարգանում էին ընդունակությունները, ծաղկում էին տաղանդները։ Ինչ վերաբերում է Վու արքայի տաս պաշտոնյաներին ապա նրանցից մեկը կին էր, այնպես որ միայն ինն էին գործիմաց տղամարդիկ։ Չժուի արքա Վենը թեև արդեն տիրում էր աշխարհի երկու երրորդին, բայց շարունակում էր հավատարմորեն ծառայել Ին հարստությանը։
Չժոու հարստության արքաների առաքինությունը իսկական բարոյականության է։
'''8.21.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Հին կայսր Յույի մոտ ես չեմ տեսնում ոչ մի թերություն։ Ուտելու և խմելու մեջ նա շատ չափավոր էր, դրան հակառակ ոգիներին առատորեն զոհ էր մատուցում։ Նրա հագուստը պարզ էր, իսկ զոհաբերման զգեստները՝ թանկարժեք։ Նա ինքն անձամբ ապրում էր մի հասարակ տան մեջ, քանզի նա իր բոլոր ջանքերը գործադրում էր ընդհանուրի բարօրության համար։
Իրոք, Յուի մոտ ես չեմ կարողանում ոչ մի արատ գտնել։
== Գլուխ իններորդ ==
'''9.1.''' Շահի, ճակատագրի և մարդկային սիրո մասին Ուսուցիչը խոսում էր ամենից հազվադեպ։
'''9.2.''' Դա-սյան գյուղից մի մարդ ասաց․
― Ուսուցիչը հիրավի նշանավոր մարդ է։ Նա մեծ խելք ունի, բայց դժբախտաբար չունի այն շնորհքը, որով կարող է հռչակավոր դառնալ։
Այս բանը լսեց Կոնֆուցիոսը և ասաց աշակերտներին․
― Հիմա Ի՞նչ անեմ ես։ Զբաղվեմ նետաձգությա՞մբ, թե՞ դառնամ կառապան։
Ինձ թվում է, պետք է զբաղվեմ կառապանությամբ<ref>Կոնֆուցիոսի պատասխանը հեգնական շեշտ ունի։</ref>։
'''9.3.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ծիսակատարությունների ժամանակ ամենաճիշտը գլխին կտավե ապարոշ կրելն է։ Բայց հիմա օգտագործում են սև մետաքս։ Այդպես ավելի հարմար է, և ես հետևում եմ ընդհանուրին։
Ծիսակատարական կարգի համաձայն իշխանին հարգալից խոնարհումով պետք է դիմավորեն նախնիների տաճարի աստիճանների մոտ, սակայն այսօր նրան դիմավորում են այն բանից հետո, երբ արդեն մտնում է տաճար։ Սա հանդգնություն է։ Եվ եթե ես այդ դեպքում ընդհանուրին հակառակ եմ գնում, ապա խստորեն հետևում եմ ավանդույթին։
'''9.4.''' Ուսուցիչը բոլորովին հեռու էր կանխակալությունից, կասկածի տեղիք տալուց, կասկածներ չընդունող անառարկելիությունից, թանձրամիտ համառությունից և եսասիրությունից։
'''9.5.''' Երբ մի անգամ Կուանգ նահանգում վտանգվեց Ուսուցչի կյանքը, նա ասաց.
— Արքա Վենը այլևս չկա, մի՞թե ես չեմ ժառանգելու բարոյականության և կարգուկանոնի սկզբունքները։ Եթե երկինքը ցանկանա, որ խորտակվեն դրանք, ուրեմն ես չեմ կարող դրանք ժառանգել, իսկ եթե երկինքը չկամենա, ի՞նչ կարող են ինձ անել Կուանգ Նահանգի մարդիկ։
'''9.6.''' Վարչապետը Ցզի-գունին հարցրեց.
— Ձեր ուսուցիչը չէ՞, որ այդքան իմաստուն ու կատարյալ է։ Ինչպե՞ս է, որ միայն նա այդքան ընդունակություններ ու տաղանդ ունի։
Ցզի-գունը պատասխանեց.
— Անքննելի է երկնքի կամքը, որ նրան դարձրել է այդպես իմաստուն ու կատարյալ։ Ահա թե որտեղից են նրա ընդունակությունները։
Այդ մասին լսելով՝ Ուսուցիչը նկատեց.
— Ուրեմն ինձ ճանաչո՞ւմ է վարչապետը։ Ես ծանր երիտասարդություն եմ ունեցել։ Այդ պատճառով ստիպված եմ եղել շատ սովորական բաներ իմանալ, որ բնավ էլ հիացմունքի արժանի չեն։ Սակայն պարտադի՞ր է ազնվականի համար ամեն ինչ իմանալ։ Բանն էլ հենց այդ է, որ՝ ոչ։
'''9.7.''' Աշակերտ Լաոն ասաց.
— Ուսուցիչն այսպես խոսեց մի անգամ իր մասին. «Քանի որ ես պետական ծառայության համար պետք չեկա, ուստի ինձ նվիրեցի այլ հմտություններ յուրացնելուն։
'''9.8.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ես շա՞տ գիտեմ։ Ոչ, բոլորովին ոչ։ Պատահում Է, հասարակ գյուղացի մարդը ինձ որևէ բան է հարցնում, և ես նրա հարցին պատասխանելու համար ինձ բոլորովին կորցնում եմ։ Հետո միայն, երբ խնդիրը քննում եմ բոլոր կողմերից, և կարողանում եմ պատասխանել նրան, ինձ լավ եմ զգում։
'''9.9.''' Կոնֆայիոսն ասաց.
― Փյունիկ թռչունը<ref>Փյունիկ թռչունը խաղաղության, երջանկության և ուրախության նշան էր։ Նրա երևալը նշանակում էր, որ շուտով գալու է մի իմաստուն թագավոր և աշխարհը կարգավորվելու է։</ref> չի գալիս, գետն էլ նշաններ չի ուղարկում<ref>Ակնարկում է չինական մի հին հավատալիք։</ref>։ Վախենամ թե՝ վերջս եկել է<ref>Կոնֆուցիոսը կասկածում է, որ ինքը չի կարող գտնել այն թագավորին, որը պատրաստ լինի իր ուսմունքին տեր կանգնելու։</ref>։
'''9.10.''' Տեսնելով սգո կամ տոնական զգեստներ հագած մի մարդու և կամ կույրի, Ուսուցիչը վեր էր կենում տեղից և կանգնում։ Ճանապարհին նրանց հանդիպելիս նույնպես դառնում էր ուշադիր ու հարգալից։
'''9.11.''' Խոր հառաչելով՝ Ցան Հուին ասաց.
— Որքան վերև եմ նայում, այնքան ավելի նա վեր է բարձրանում։ Որքան ավելի շատ եմ ձգտում թափանցել ներսը այնքան ավելի անթափանց է դառնում։ Պարզ տեսնում ես, որ առջևդ է, բայց մեկ էլ հանկարծ հայտնվում է հետևումդ։ Թեև Ուսուցչի ուսմունքը դժվարամատչ է, այնուամենայնիվ նա կարողանում է մարդկանց ինչ-որ կախարդանքով իր կողմը ձգել ու քայլ առ քայլ առաջ տանել։
Կրթելով՝ նա ընդլայնում է իմ գիտելիքները, ուսուցանելով՝ մշակում իմ վարքը ծիսակատարությունների ու պատշաճության օրենքների համաձայն։
Դա իմ սրտով է, և այլևս չեմ կարող չխորանալ նրա ուսմունքի մեջ։
Ես լարում եմ իմ բոլոր ուժերը, և ինձ մի պահ թվում է, թե ամեն ինչ պարզ է արդեն։ Բայց որքան էլ ձգտում եմ հասնել նրան, չեմ կարողանում։
'''9.12.''' Երբ Ուսուցիչը ծանր հիվանդացավ, Ցզի-լուն ասաց, որ աշակերտները պետք է սպասավորի ու ծառայողի պաշտոն կատարեն, որ նրանք պետք է հոգ տանեն թաղման արարողության ու ընթացքի մասին՝ ի նշան մեծ հարգանքի։
Եվ երբ հիվանդությունն անցավ և Ուսուցիչն արդեն լավանում էր, ասաց.
— Ես վաղուց արդեն գիտեի, որ Ցզի-լուն կեղծ մարդ է։ Չունենալով ծառայողներ պահելու իրավունք, ես պետք է ցույց տափ, թե իբր ունե՞մ այդպիսիք։ Ո՞ւմ էինք խաբելու դրանով, երկնքի՞ն։
Բացի դրանից, ավելի լավ չէ՞ մեռնել աշակերտներիս թևերի վրա, քան սպասավորների։ Եվ եթե նույնիսկ ճոխ թաղման չարժանանայի, միևնույն է, ինձ հո փողոցում չէի՞ն թաղելու։
'''9.13.''' Ցզի-գունն ասաց.
— Մի գեղեցիկ ադամանդ ունեմ։ Ի՞նչ անեմ այն։ Դնեմ սնդուկը ու լավ պահպանե՞մ, թե՞ մի վաճառական գտնեմ ու լավ գնով վաճառեմ։
— Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Վաճառի՛ր, վաճառի՛ր, գնորդ ես կգտնեմ<ref>Այստեղ «թանկագին քար» արտահայտությունը պետք է հասկանալ իբրև ընդունակություններ։ Կոնֆուցիոսը այն կարծիքին է, որ «վաճառելով» ընդունակությունները, մարդը կարող է օգուտ բերել հասարակությանը։</ref>։
'''9.14.''' Ուսուցիչն ուզում էր գնալ բարբարոսների մեջ ապրելու։ Ինչ-որ մեկն ասաց.
— Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ նրանք անկիրթ են։
Բայց Կոնֆուցիոսը նկատեց.
— Երբ այնտեղ մի ազնվական կա, ինչպե՞ս կարող են նրանք անկիրթ լինել։
'''9.15.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Վեյ երկրից Լwu երկիր իմ վերադառնալուց հետո երաժշտությունը կարգավորվել է, նորից իրենց ճիշտ տեղում են հնչում տոնական երգերը և ներբողները<ref>Սրանք «Երգերի գրքի» մասերն են։</ref>։
'''9.16.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Դրսում հպատակվել իշխանատանը, իսկ ընտանիքում՝ հորը և ավագ եղբայրներին։
Բարեխիղճ լինել հանգուցյալների հանդեպ և թաղման ու սգի ժամանակ կատարել բոլոր պարտականությունները։
Հեռու մնալ գինուց։
Այս ամենից հիմա ինձ ո՞ր մեկն է հաջողվել։
'''9.17.''' Մի անգամ, երբ կանգնած էր գետի ափին ասաց.
— Այս ջրերի նման ամեն ինչ հոսում է ու կորչում։ Անկասելի է շարժումը գիշեր ու ցերեկ։ Եվ այսպես անվերջ անցնում է ժամանակը։
'''9.18.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ես դեռ չեմ տեսել մեկին, որ ներքին գեղեցկություն սիրի այնպես, ինչպես արտաքին սիրունությունը։
'''9.19.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Սովորելը նման է հողը մի տեղ կուտակելուն։ Երբ բլուրն արդեն պատրաստ է, բացի մի զամբյուղ հողից, զարմանքով տեսնում ես, որ պակասողը հենց այն տեղի հողն է, որտեղ դու՝ մեղավորդ, կանգնած ես։ Եվ որպեսզի այդ մի զամբյուղ հողը տեղ հասցնես, քայլ ես անում մի կողմ։ Իսկ դա հենց առաջընթացն է։ Չէ՞ որ դու ինքդ քեզ ես առաջ տանում<ref>Ակնարկում է անհատի բարոյական պատասխանատվության մասին։</ref>։
'''9.20.''' Կոնֆուցիոսն ասւսց.
— Երբ զրուցում էր մարդկանց հետ, շատ ուշադիր լսում էր նրանց։ Երբեք չէր հոգնում կամ մտացրիվ չէր լինում։ Այդպիսին էր Յան Հուին։
'''9.21.''' Ուսուցիչը եկավ Յան Հուիի մասին խոսելու և ասաց.
— Ցավալի է, որ նա մեռավ։ Ես տեսնում էի, որ նա միշտ ու միմիայն առաւ է գնում։ Ոչ մի անգամ չտեսա նրան, որ իր ձեռքբերածով մնար բավարարված։
'''9.22.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Բույսեր կան, որ ծլարձակում են, աճում, բայց չեն ծաղկում։
Կան նաև, որ ծաղկում են, բայց պտուղ չեն տալիս։
'''9.23.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Երիտասարդներին պետք է վերաբերվել զգույշ ու խելամիտ։ Ինչ իմանաս, ապագայում նրանք չե՞ն գերազանցի մեզ։ Բայց նրանցից, ովքեր արդեն քաոասուն, հիսուն տարեկան են և ոչ մի բանով աչքի չեն ընկել, երկյուղ կրել պետք չէ։
'''9.24.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ո՞վ կարող է չընդունել խելոք խրատները։ Բայց միայն ընդունելը բավական չէ։ Սեփական վարքը խրատների համաձայն բարեփոխել և ճշտել սխալները՝ դա է կարևորը։
Ո՞վ չի ուրախանում հաճելի խոսքերից։ Բայց պետք է նրանց ներքին իմաստը հասկանալ՝ դա Է կարևորը։ Ինչպե՞ս կարելի Է գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր ուրախանամ են հաճելի խոսքերից՝ առանց հասկանալու դրանց իմաստը և ընդունում են խրատները՝ առանց իրենց վարքը բարեփոխելու։
'''9.25.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Եղիր միշտ հավատարիմ, վստահելի և անկեղծ։ Քեզ անարժան բարեկամներ մի ունեցիր։ Եթե սխալ ես թույլ տվել, ապա մի ամաչիր այն ուղղելուց։
'''9.26.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Հրամանատարին կարելի է հեռացնել իր բանակից բայց անհնար է որևէ սովորական մարդուց խլել նրա կամքը։
'''9.27.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզի-լուն ասում է. «Նա չի ամաչում կանգնել թանկարժեք մուշտակ հագած մարդու կողքին, երբ իր վրա միայն աղքատիկ ու հնամաշ շորեր են։ Երգերի գրքում ասված է՝ «Ով նախանձ ու ագահ չէ, ինչպե՞ս կարող է անարդարություն գործել»։
Այս խոսքերը Ցզի–լուն միշտ կրկնում է։
Եվ ապա նկատեց.
— Միայն այս բառերով բարի ու առաքինի դառնալ չի կարելի։
'''9.28.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Միայն ձմռանն ենք նկատում, որ սոճին ու կիպարիսը կանաչ են մնացել։
'''9.29.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Իմաստունը չի կասկածում, բարոյական մարդը չի հուսահատվում, քաջարին՝ չի վախենում։
'''8.30.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ում հետ սովորում ես, դեռ այն մարդը չէ, որի հետ կարելի է գտնել նաև ճշմարիտ ճանապարհը։
Ուղեկիցդ, որ առաջնորդվում է բարոյական սկզբունքներով, դեռ այն մարդը չէ, որ կարող է նաև պայքարել այդ սկզբունքների համար։
'''9.31.''' Մի հին երգի մեջ ասված է.
«Տեսնում եմ ոնց է ծաղիկը թեքվում,<br />Կարո՞ղ եմ արդյոք ես քեզ մոռանալ,<br />Բայց հեռու ես դու»։
Կոնֆուցիոսն այդ մասին ասաց.
— Դա ճիշտ գաղափար չէ, և ոչ էլ ճշմարիտ թախիծ։ Քանզի սերը հեռավորության չի ճանաչում։
== Գլուխ տասներորդ ==
'''10.1.''' Հայրենի գյուղում Կոնֆուցիոսը իրեն պահում էր այնքան քաղաքավարի ու զուսպ, ասես խոսել չէր կարող։ Նախնիների տաճարում և արքունիքում նա խոսում էր անպաճույճ բառերով, բայց մեկ առ մեկ ընտրելով դրանք։
'''10.2.''' Պալատում, ընդունելության ժամանակ, ցածր դասի ծառայողների հետ Կոնֆուցիոսը խոսում էր անկաշկանդ տոնով։ Բարձր դասի ծառայողների հետ նա խոսում էր ընդգծված քաղաքավարությամբ։ Իշխանի ներկայությամբ նա լի էր պատկառանքով և անթաքույց արժանապատվությամբ։
'''10.3.''' Ամեն անգամ, երբ թագավորի հրավերով Կոնֆուցիոսը արքունիքում ընդունում էր օտարերկրյա հյուրերի, փոխվում էր նրա դեմքի արտահայտությանը, դեմքը դառնում էր լուրջ, քայլերը՝ փաթկոտ։ Նա խոնարհում էր նրանց, ովքեր կանգնած էին իր շուրջը, իրար մոտեցրած ձեռնափերով ողջունելով աջ ու ձախ կողմում կանգնածներին։ Այդ ամենի հետ նաև հոգում էր, որ զգեստը կարգին լինի։
Նա շարժվում էր ասես այն թռչունի նման, որ պատրաստվում է թռչելու։
Եվ ամեն անգամ, երբ ավարտվում էր ընդունելությունը, Կոնֆուցիոսը զեկուցում էր. «Հյուրերը բավարարված են»։
'''10.4.''' Երբ նա պալատի դարպասներից մտնում էր ներս, քայլում էր արագ, փոքր ինչ թեքված, ասես վախենում էր ինչ-որ անպատշաճությունից։
Նա չէր մնում դարպասի մեջտեղում կանգնած և սեմի վրա ոտք չէր դնում ոչ մի անգամ։
Երբ անցնում էր գահի մոտով, փոխվում էր դեմքի արտահայտությունը, լրջանում էր, քայլերը դաոնում էին փութկոտ։ Ձայնը դառնում էր մեղմ, ասես կորցնում էր խոսելու ուժը։
Երբ բարձրանում էր ընդունելության դահլիճ, խնամքով վեր էր բարձրացնում զգեստը։ Քայլում էր ուշադրությամբ, առաջ թեքված, սիրտ չէր անում անգամ շնչել։ Եվ երբ ընդունելության դահլիճից կրկին դուրս էր գալիս և իջնում էր աստիճաններով, նրա դեմքն արտահայտում էր հանգստություն։ Նա թողնում էր ուրախ և գոհ տպավորություն։ Հեռանում էր արագ քայլերով։ Նա կարծես լողում էր թռչունի նման, որ թռիչքից առաջ քիչ-քիչ բացում է թևերը։ Եվ արժանապատվությամբ լի՝ կրկին վերադառնում էր իր տեղը։
'''10.5.''' Երբ որպես դեսպան պատրաստվում էր որևէ երկիր մեկնել, ապա վերցնում էր իշխանի գայիսոնը։ Այդ պահին նա խոնարհաբար, փոքր-ինչ առաջ թեքված կերպարանք էր ընդունում, ասես չափից դուրս հոգնած լիներ։
Գայիսոնը նա պահում էր ձեռքերի բարձրությամբ այն դիրքով, երբ խոնարհվելիս իրար են մոտեցնում ձեռքերը, և ոչ երբեք ավելի վեր, և չէր իջեցնում ավելի ցած այն դիրքից, որի մեջ գտնվում են ձեոքերը նվեր ընդունելիս։
Նրա դեմքն արտահայտում էր պատկառանք, քայլերը դառնում էին դանդաղ ու չափված։
Նա իր հետ վերցրած նվերներդ հանձնում էր բարի ժպիտով։
Եթե թույլ էին տալիս ընդունելու մասնավոր անձանց, ապա ընդունում էր սիրով և ուրախությամբ։
'''10.6.''' Վառ, աչքի ընկնող գույներով հագուստներ չէր հագնում։ Տնային հագուստների համար երբեք չէր օգտագործում բաց կարմիր կամ ծիրանագույն երանգի կտորներ։ Երբ շոգ եղանակ էր լինում, հագնում էր առանց աստառի հագուստ՝ կարված նուրբ կամ կոպիտ կտավից։ Սև գառան մորթի հագնում էր սև զգեստների հետ, այծյամի մորթի՝ սպիտակ զգեստների հետ և աղվեսի մորթի՝ դեղին զգեստների հետ։
Նա տանը ուներ մորթե երկար հանդերձներ, որոնց աջ թևքերը փոքր-ինչ կարճ էին։ Քնելիս ծածկվում էր իր մարմնից կիսով չափ երկար ծածկոցով։ Նստելու համար օգտագործած էր աղվեսի կամ փորսուղի փափուկ մորթիներ։ Կարող էր կրել ամեն տեսակ զարդարանքներ՝ բացի սգի օրերից։ Սովորական զգեստի համար ավելի քիչ կտոր էր վերցնում, քան տոնականի, որն ավելի լայն էր։ Ցավակցական այցելության ժամանակ չէր հագնում սև գառան մորթի և ոչ էլ մուգ գույնի ծածկոց էր դնում գլխին։
Յուրաքանչյուր ամսի աոաջին օրը նա հագնում էր իր տոնական զգեստները և այցելության էր գնում պալատ։
'''10.7.''' Պասի օրերին հատկապես նա իրեն պահում էր մաքուր։ Հագնում էր կտավե վայելուչ զգեստներ։
Չէր ուտում այն, ինչ սովորականի պես վերցնում էր իր հետ։ Այդ օրերին նաև չէր քնում իր կնոջ մոտ։
'''10.8.''' Չէր խորշում շատ նուրբ բրնձից և մանր կտրտված մսից։ Նա երբեք չէր ուտում այնպիսի բրինձ, որը վատ համ ուներ կամ դառնացած էր կամ հին, և միս, որը փչացած էր։ Եթէ ուտելիքը իր բնական տեսքը կորցնում էր, ապա այլևս չէր ուտում, և երբ գեշ հոտ էր ունենում կամ լավ եփված չէր լինում, նույնպես չէր ուտում։ Նա ուտում էր միայն այն, ինչ համապատասխան էր տարվա եղանակին։ Կենդանիների մսից պատրաստված որևէ բան, եթե այն ճիշտ մորթված և կտրատված չէր, չէր ուտում։ Զէր ուտում նաև այն ուտելիքները, որ չէին մատուցվում իրենց համապատասխան արգանակի մեջ։ Նա երբեք ավելի շատ միս չէր ուտում, քան բրինձ։ Միայն գինի խմելիս որոշակի չափ չուներ, թեև երբեք չէր անցնում այն սահմանը, երբ ոգին սկսում էր աշխուժանալ։ Երբեք չէր ճաշակում շուկայից բերված գինի և ապխտած միս։ Միշտ պղպեղ էր ունենում ճաշին օգտագործելու համար, բայց դրանից ուտում էր շատ քիչ։
'''10.9.''' Թագավորի համար արված Մեծ Զոհաբերման միսը նա երբեք թույլ չէր տալիս պահ տալ գիշերը։ Զոհաբերման մյուս արարողությունների ժամանակ երեք օրից ավելի չէր թույլատրում միսը պահել։ Երեք օրն անցած ուտելիքն առհասարակ չէր ուտում։
'''10.10.''' Ուտելիս բոլորովին չէր խոսում։ Չէր խոսում նաև անկողնում պառկած։
'''10.11.''' Եթե անգամ հասարակ բրնձից կամ բանջարեղենից ապուր էր ունենում, ապա անպայման մի քիչ վերցնում էր դրանից ընծա մատուցելու՝ ի նշան պասի։
'''10.12.''' Եթե խսիրը հարթ և ուղիղ փռոված չէր լինում, չէր նստում վրան։
'''10.13.''' Երբ հարևանների հետ նստում էր ճաշի, սպասում էր, մինչև որ ծերերը վեր էին կենում ու դուրս գալիս, հետո միայն ինքը դուրս էր գնում։
'''10.14.''' Երբ չար ոգիներին և դևերին քշելու համար հավաքվում էին հարևանները, նա տոնական հագնված կանգնում էր իր տան աստիճանների արևելյան կողմում և բարի գալուստ էր մաղթում նրանց։
'''10.15.''' Երբ սուրհանդակի միջոցով մեկին լուր էր ուզում ուղարկել, նրան ճանապարհ դնելիս երկու անգամ խոնարհվում էր։
'''10.16.''' Երբ մի անգամ Հի Կան-ցզին Կոնֆուցիոսին դեղ ուղարկեց, նա խոնարհվելով ընդունեց այն և ապա ասաց.
— Ես ճշգրիտ չգիտեմ, թե ինչ դեղ է սա, ուստի չեմ համարձակվում այն ընդունել։
'''10.17.''' Երբ մի անգամ Կոնֆուցիոսը պալատում էր, նրա ձիանոցն այրվեց։
Տուն հասնելով՝ հարցրեց.
— Ի՞նչ է եղել մարդկանց։
Իսկ ձիերի մասին ոչինչ չհարցրեց։
'''10.18.''' Եթե իշխանը նրան արդեն պատրաստ որևէ ուտելիք էր ուղարկում, ապա անմիջապես խսիրը փռում էր և սկսում ճաշակել։ Եթե ուղարկում էր հում միս, ապա այն եփում էր և զոհ մատուցում նախնիներին։ Եթե իշխանը որևէ կենդանի էր ուղարկում, ապա պահ էր տալիս այն և խնամում։
Իսկ եթե իշխանը նրան հրավիրում էր միասին ճաշելու ապա շատ ուշադիր էր դառնում՝ վարվելակարգը պահպանելու համար։
'''10.19.''' Երբ մի անգամ Կոնֆուցիոսը հիվանդ էր և իշխանը այցելության էր եկել նրան, նա պառկել էր գլուխը դեպի արևելք, պալատական հագուստն ու գոտին վրան<ref>Այդպես վարվելը ընդունված էր Հին Չինաստանում։</ref>։
'''10.20.''' Երբ իշխանը կանչում էր նրան, չէր սպասում՝ մինչև ձիերը կլծեն, այլ անմիջապես ճանապարհ էր ընկնում։
'''10.21.''' Երբ մտնում էր նախնիների տաճարը, ապա ամեն մեկից և բոլորից հարցնում էր, թե ի՞նչ ծիսակատարություն է և ո՞վ է կատարում։
'''10.22.''' Երբ մահացավ ընկերներից մեկը, որ ոչ մի մերձավոր չուներ, Կոնֆացիոսն ասաց.
— Ես կթաղեմ նրան։
'''10.23.''' Եթե նրան որևէ մեկը ձի կամ կառք էր նվիրում, ապա չէր խոնարհվում։ Այդ անում էր միայն զոհի միս ընդունելիս։
'''10.24.''' Անկողնում նա չէր պառկում անշարժ մեռածի պես։ Տանը իրեն պահում էր բոլորովին ոչ այնպես, ինչպես հյուր ընդունելիս կամ երբ ինքն էր հյուր լինում։
'''10.25.''' Սգո զգեստներ հագած մեկին հանդիպելիս իրեն պահում էր արժանապատվորեն և հանդիսավոր։ Այդպես էր իրեն պահում նաև այն ժամանակ, երբ խոսում էին մեկի մասին, որին ինքը շատ մտերիմ էր։
Եթե հանդիպում էր կույրի կամ պալատական գլխարկ կրող մեկին, դառնում էր շատ քաղաքավարի։ Այդպես էր իրեն պահում նաև այն մարդու հետ, որին ցերեկը մի անգամ արդեն հանդիպել էր։
Կառքով անցնելիս երբ տեսնում էր սգո զգեստներ հագած մարդկանց, խոր խոնարհվում էր լայնակի կառափայտի վրա, որ ցավակցությունը տպավորիչ լինի։
Այդպես էր վարվում այն այն դեպքում, երբ կառքից նկատում էր պետական դրոշմ կրող որևէ բեռնակրի։
Ճոխ սեղանի մոտ նրա դեմքի արտահայտությունը փոխվում էր, և նա շուտ վեր էր կենում։
Դեմքի արտահայտությունը փոխվում էր նաև այն ժամանակ, երբ հանկարծակի կայծակ էր խփում, կամ փչում էր սաստիկ քամի<ref>Քամին և կայծակը երկնքի նշաններն էին։</ref>։
'''10.26.''' Կառք բարձրանալուց առաջ նախ կանգնում էր ուղիղ ու ձգված, սանձը ձեռքին, հետո միայն բարձրանում էր կառք։
Կառքի մեջ կանգնած նա շուրջը չէր նայում, արագ չէր խոսում, ոչ էլ մատնացույց էր անում որևէ բան։
'''10.27.''' Կոնֆուցիոսը զբոսնում էր։ Մոտերքում վայրի թռչունների մի երամ տեսավ։ Երամը բարձրացավ օդ, պտտվեց մի շրջան ու էլի ցած իջավ։ Ուսուցիչը նկատեց.
— Սրանք վայրի փասիանների թխսամայրեր են, հիմա նրանց ժամանակն է, նրանց ժամանակն է։
Ցզի-լուն ձեռքերով ծափ տվեց։ Թռչունները թևին տվեցին, բարձրացան օդ և թռան, հեռացան<ref>Անհասկանալի է, թե ինչ է ակնարկում։</ref>։
----
<references/>