«Աննա Ֆրանկի օրագիրը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Երկուշաբթի, 21-ը սեպտեմբերի 1942թ.)
 
(One intermediate revision by one other user not shown)
Տող 7. Տող 7.
  
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 +
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
 
{{անավարտ}}
 
{{անավարտ}}
  
Տող 15. Տող 16.
 
==Կիրակի, 14-ը հունիսի, 1942թ․==
 
==Կիրակի, 14-ը հունիսի, 1942թ․==
  
Ուրբաթ օրը ժամը վեցին ես արդեն արթուն էի։ Եւ միանգամայն հասկանալի է՝ իմ ծննդյան օրն էր։ Բայց իհարկե, այդքան շուր վերկենալ չէր կարելի, ստիպված էի հետաքրքրությունս զսպել մինչեւ յոթին քառորդ պակաս։ Սակայն այլեւս համբերել չկարողացա, գնացի սեղանատուն, որտեղ եւ հանդիպեցի Մացրիկին, մեր կատվի ձագին, որն սկսեց քսմսվել ոտքերիս։  
+
Ուրբաթ օրը ժամը վեցին ես արդեն արթուն էի։ Եւ միանգամայն հասկանալի է՝ իմ ծննդյան օրն էր։ Բայց իհարկե, այդքան շուտ վերկենալ չէր կարելի, ստիպված էի հետաքրքրությունս զսպել մինչեւ յոթին քառորդ պակաս։ Սակայն այլեւս համբերել չկարողացա, գնացի սեղանատուն, որտեղ եւ հանդիպեցի Մացրիկին, մեր կատվի ձագին, որն սկսեց քսմսվել ոտքերիս։  
  
 
Ժամը յոթին վազեցի հայրիկի ու մայրիկի մոտ, հետո մենք բոլորս միասին գնացինք հյուրասենյակ եւ սկսեցինք նայել նվերները։ Քեզ, իմ օրագիր, ես իսկույն տեսա, դու իմ ամենալավ նվերն էիր։ Ինձ նվիրել էին նաեւ վարդերի մի փունջ, կակտուս եւ պիոն։ Դրանք իմ ստացած առաջին ծաղիկներն էին, բայց հետո ավելի շատ բերեցին։  
 
Ժամը յոթին վազեցի հայրիկի ու մայրիկի մոտ, հետո մենք բոլորս միասին գնացինք հյուրասենյակ եւ սկսեցինք նայել նվերները։ Քեզ, իմ օրագիր, ես իսկույն տեսա, դու իմ ամենալավ նվերն էիր։ Ինձ նվիրել էին նաեւ վարդերի մի փունջ, կակտուս եւ պիոն։ Դրանք իմ ստացած առաջին ծաղիկներն էին, բայց հետո ավելի շատ բերեցին։  

Ընթացիկ տարբերակը 21:59, 3 Ապրիլի 2016-ի դրությամբ

Աննա Ֆրանկի օրագիրը

հեղինակ՝ Աննա Ֆրանկ
թարգմանիչ՝ Հ․ Դանիելյան
աղբյուր՝ «Աննա Ֆրանկի օրագիրը»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


12-ը հունիսի 1942թ.

Հուսով եմ, որ այն ամենն ինչ երբեւէ չեմ վստահել ոչ ոքի, կարող եմ վստահել քեզ, հուսով եմ, որ դու ինձ զորավիգ կլինես։

Կիրակի, 14-ը հունիսի, 1942թ․

Ուրբաթ օրը ժամը վեցին ես արդեն արթուն էի։ Եւ միանգամայն հասկանալի է՝ իմ ծննդյան օրն էր։ Բայց իհարկե, այդքան շուտ վերկենալ չէր կարելի, ստիպված էի հետաքրքրությունս զսպել մինչեւ յոթին քառորդ պակաս։ Սակայն այլեւս համբերել չկարողացա, գնացի սեղանատուն, որտեղ եւ հանդիպեցի Մացրիկին, մեր կատվի ձագին, որն սկսեց քսմսվել ոտքերիս։

Ժամը յոթին վազեցի հայրիկի ու մայրիկի մոտ, հետո մենք բոլորս միասին գնացինք հյուրասենյակ եւ սկսեցինք նայել նվերները։ Քեզ, իմ օրագիր, ես իսկույն տեսա, դու իմ ամենալավ նվերն էիր։ Ինձ նվիրել էին նաեւ վարդերի մի փունջ, կակտուս եւ պիոն։ Դրանք իմ ստացած առաջին ծաղիկներն էին, բայց հետո ավելի շատ բերեցին։

Հայրիկն ու մայրիկը շատ նվերներ էին առել ինձ համար, իսկ ընկերներս իրենց նվերներով պարզապես շլացրել էին ինձ։ Ստացել էի «Կամերա» գիրքը, սեղանի խաղեր, բազմաթիվ քաղցրավենիք, խաղալիք-հանելուկ, բրոշկա, Յոզեֆ Կոենի «Հոլանդական հեքիաթներն ու լեգենդները» եւ «Դեզին մեկնում է լեռները» հրաշալի գիրքը ու փող։ Ես այդ փողերով գնեցի «Հուն Հունաստանի եւ Հռոմի առասպելները» սքանչելի գիրքը։

Հետո Լիզը եկավ մեր տուն եւ մենք միասին գնացինք դպրոց։ Ես ուսուցիչներին եւ մեր ամբողջ դասարանին կոնֆետ հյուրասիրեցի, հետո սկսվեցին դասերը։

Առայժմ այսքան։ Այնքան ուրախ եմ, որ դու կաս ինձ համար։

Երկուշաբթի, 15-ը հունիսի 1942թ.

Շաբաթ օրը ճաշիվ հետո կատարեցինք իմ ծնունդը։ Մենք ցույց տվինք «Փարոսի պահակը» կինոնկարը՝ Ռին֊Տին֊Տինի մասնակցությամբ։ Նկարը շատ դուր եկավ իմ ընկերուհիներին։ Մենք չափից դուրս չարաճճիություններ արեցինք ու ուրախացանք։ Շատ տղաներ ու աղջիկներ կային։ Մայրիկը միշտ հարցնում է, թե ես հետագայում նրանցից որի հետ կուզենայի ամուսնանալ։ Նա երեւի շատ կզարմանար, եթե իմանար, որ ես ուզում եմ ամուսնանալ Պետեր Վեսսելի հետ, որովհետեւ երբ մայրս նրա մասին խոսում է, ես ոչ մի բան զգացնել չեմ տալիս։ Լիզ Հոսենսին եւ Սաննա Խաուտմանին հարյուր տարի կլինի ճանաչում եմ, մինչեւ հիմա էլ նրանց իմ ամենալավ ընկերուհիներն են։ Հետո ես հրեական գիմնազիայում ծանոթացա Յոպպի վան դեր Վաալի հետ։ Մենք միասին շատ ենք լինում, եւ այժմ իմ ամենալավ ընկերուհին նա է։ Հիմա Լիզը ուրիշ աղջիկների հետ ավելի շատ է ընկերություն անում, իսկ Սաննան ուրիշ դպրոցում է սովորում, եւ նա էլ այնտեղ իր ընկերուհիներն ունի։

Շաբաթ, 20-ը հունիսի 1942թ.

Մի քանի օր չգրեցի, ուզում էի լուրջ մտածել, թե ընդհանրապես ինչի՞ համար է օրագիրը։ Ես մի տարօրինակ զգացում ունեմ՝ օրագիր եմ պահելու։ Ոչ միայն այն պատճառով, որ երբեք չեմ զբաղվել «գրողի գործով»։ Ինձ թվում է, որ հետագայում ե՛ւ ինձ, ե՛ւ առհասարակ բոլորի համար էլ հետաքրքիր չի լինի կարդալ տասներեքամյա մի դպրոցականի զեղումները։ Բայց բանը դրանում չէ։ Ես ուզում եմ պարզապես գրել, եւ կարեւորն այն է, որ ուզում եմ ասել այն ամենը, ինչ որ կա իմ հոգում։

«Թուղթն ամեն բան հանդուրժում է»։ Հաճախ եմ այսպես մտածել տխուր օրերին, երբ նստել եմ գլուխս ձեռքերիս մեջ առած եւ չեմ իմացել ինչ անեմ։ Մեկ ուզեցել եմ տանը նստել, մեկ՝ որեւէ տեղ գնալ, եւ այդպես էլ տեղիցս չեմ շարժվել ու շարունակ մտածել եմ։ Այո, թուղթն ամեն բան հանդուրժում է։ Ես ոչ ոքի մտադիր չեմ ցույց տալու այս հաստ կազմով «Օրագիր» կոչվող ճոռոմ վերնագրով տետրը, իսկ եթե ցույց էլ տամ, ուրեմն ցույց կտամ իսկական ընկերոջս կամ իսկական ընկերուհուս, ուրիշներին դա հետաքրքիր չէ։ Ահա թե ինչու եմ ուզում օրագիր պահել՝ որովհետեւ իսկական ընկերուհի չունեմ։

Սա էլ պիտի բացատրել, թե չէ ոչ ոք չի հասկանա, թե այդ ինչպես է, որ տասներեքամյա մի աղջիկ իրեն այնքան մենակ է զգում։ Իհարկե, դա բոլորովին էլ այդպես չէ։ Ես հրաշալի ծնողներ ունեմ, տասնվեցամյա մի քույրիկ, եւ երեւի, երեսունից ոչ պայաս ծանոթներ կամ, այսպես կոչված ընկերներ։ Բազմաթիվ երկրպագուներ ունեմ, որոնք աչք չեն հեռացնում ինձանից, իսկ դասերի ժամանակ նույնիսկ հայելիով որսում են իմ ժպիտը։

Ես շատ ազգականներ ունեմ, հրաշալի քեռիներ, հորեղբայրներ, մորաքույրներ եւ հորաքույրներ, լավ տուն ունենք, ըստ էության ես ամեն ինչ ունեմ, բացի ընկերուհուց։ Իմ բոլոր ծանոթների հետ կարելի է միայն չարաճճիություն անել եւ զվարճանալ, խոսել ամեն դատարկ բանի մասին։ Բայց մեկը չկա, որի հետ ես անկեղծորեն խոսեմ եւ ոնց որ ձեռքերս ու ոտքերս կապած լինեն։ Գուցե լավ կլիներ, որ դյուրահավատ լինեի, բայց ոչինչ անել չես կարող, ափսոս, որ այդպես է ստացվում։

Ահա թե ինչու է ինձ պետք օրագիրը։ Բայց որպեսզի ես իմ աչքի առաջ ունենամ իսկական ընկերուհի, որի մասին այնքան վաղուց երազում եմ, ես օրագրում չեմ գրի միայն մերկ փաստեր, ինչպես անում են բոլորը, ես ուզում եմ այս տետրը դառնա իմ ընկերուհին, եւ այդ ընկերուհուն ես կանվանեմ Քիտտի։

Բայց ոչ ոք չի հասկանա, եթե ես հանկարծ առանց որեւէ բանի նամակագրություն սկսեմ Քիտտիի հետ, դրա համար էլ սկզբում կպատմեմ իմ կենսագրությունը, չնայած որ դա ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։

Երբ իմ ծնողներն ամուսնացել են, հայրս 36 տարեկան է եղել, իսկ մայրս՝ 25։ Իմ քույրը՝ Մարգոն, ծնվել է 1926թ․ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, իսկ 1929 թվականի հունսիս 12֊ին լույս աշխարհ եմ եկել եւ ես․ մենք հրեաներ ենք, դրա համար էլ ստիպված էինք 1933 թվականին գաղթել Հոլանդիա, որտեղ իմ հայրը դարձավ «Տրավիս» ակցիոներական ընկերության դիրեկտորներից մեկը։ Այդ կազմակերպությունը կապված է «Կոլեն եւ Ընկ․» ֆիրմայի հետ, որը տեղավորված է նույն շենքում։

Մենք էլ ուրիշների նման կյանքում շատ տագնապներ ենք ապրել, մեր հարազատները մնացել էին Գերմանիայում, եւ հիտլերականները հետապնդում էին նրանց։ 1938թ․ ջարդերից հետո մորս երկու եղբայրները փախան Ամերիկա, իսկ տատիկս եկավ մեզ մոտ։ Այն ժամանակ նա յոթանասուներեք տարեկան էր։ Քառասուն տարեկանից հետո նրա կյանքը դժվարացել էր։ Սկզբում պատերազմ, հետո կապիտուլյացիա, հետո գերմանական օկուպացիա։ Եվ հենց այդ ժամանակ էլ սկսվեցին մեր տանջանքները, նոր օրենքներ մտցրին, մեկը մյուսից ավելի խիստ, հատկապես ծանրացավ հրեաների վիճակը։ Հրեաները պետք է կրեին դեղին աստղ, հանձնեին հեծանիվները, հրեաներին արգելվեց տրամվայով երթեւեկել, էլ չեմ ասում մեքենաների մասին։ Գնումներ կարելի էր կատարել միայն ժամը երեքից հինգը՝ այն էլ միայն հրեական հատուկ կրպակներից։ Երեկոյան ժամը ութից հետո չէր կարելի փողոց դուրս գալ, նույնիսկ՝ նստել պարտեզում կամ պատշգամբում։ Չէր կարելի գնալ կինո, թատրոն, ո՛չ մի զվարճություն։ Արգելված էր լողով զբաղվել, հոկեյ կամ թենիս խաղալ, մի խոսքով սպորտն էլ էր արգելված։ Հրեաներին չէր կարելի հյուր գնալ քրիստոնյաների մոտ, հրեա երեխաներին տեղափոխեցին հրեական դպրոց։ Սահմանափակումները գնալով ավելի ու ավելի էին մեծանում։

Մեր ամբողջ կյանքը սարսափի մեջ է անցնում։ Յոպպին միշտ ասում է․ «Վախենում եմ որեւէ բան ձեռնարկել՝ բա որ հանկարծ դա արգելված լինի՞»։

Այս տարվա հունվարին մահացավ տատիկս։ Ոչ ոք չգիտի, թե ինչքան էի ես նրան սիրում եւ թե ինչպես ես զգում նրա պակասը։

1934 թվականին ինձ տարան Մոնթեսսորի դպրոցին կից մանկապարտեզը, իսկ հետո մնացի այդ դպրոցում։ Վերջին տարին իմ դասարանական դաստիարակչուհին մեր վարչուհի տիկին Կ֊ն էր։ Տարեվերջին մեր բաժանումը շատ սրտառուչ էր, երկուսս էլ հոնգուր֊հոնգուր լաց եղանք։ 1941 թվականին ես ու Մարգոն ընդունվեցինք հրեական գիմնազիա, նա չորրորդ դասարան, իսկ ես՝ առաջին։

Առայժմ մենք չորսով վատ չենք ապրում։ Ինչպես տեսնում ես, ես հասա այսօրվա ամսաթվին ու տարթվին։

Շաբաթ, 20-ը հունիսի 1942թ.

Սիրելի Քիտտի,

Նամակս անմիջապես սկսում եմ։ Հիմա տանը ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ։ Մայրիկն ու հայրիկը տեղ են գնացել, Մարգոն ընկերուհու մոտ պինգ֊պոնգ է խաղում։ Ես էլ եմ վերջերս հաճույքով խաղում։ Մենք՝ պինգ֊պոնգիստներս, պաղպաղակ շատ ենք սիրում հատկապես ամռանը, դրա համար էլ ամեն խաղից հետո արշավում ենք հրուշակեղենի որեւէ խանութ, որտեղ կարելի է հրեաներին գնալ՝ «Դելգի» կամ «Օազիս»։ Մենք փող ունենալու մասին չենք մտածում։ Այնտեղ միշտ բազմաթիվ ծանոթներ են լինում եւ նրանց մեջ անպայման մի բարի քեռի կամ երկրպագու է ճարվում եւ մեզ ամեն կողմից այնքան պաղպաղակ են առաջարկում, որ մի շաբաթում հազիվ ուտենք։

Դու, երեւի, զարմանում ես, որ ես այս տարիքում արդեն երկրպագուների մասին եմ խոսում։ Ցավոք սրտի մեր դպրոցում դա անխուսափելի չարիք է։ Հենց որ տղաներից մեկը ինձ հարցնում է, թե կարելի է հեծանիվով ուղեկցել տուն, ես նախօրոք գիտեմ, որ վերոհիշյալ երիտասարդը մինչեւ ականջները սիրահարված է եւ ոչ մի քայլ չի հեռանա ինձանից։ Աստիճանաբար նա սառում է, հատկապես եթե ես ուշադրություն չեմ դարձնում նրա սիրահարված հայացքներին ու ուրախ պտտում եմ պեդալները։ Հենց որ նա ինձ ձանձրացնում է, ես դիտմամբ ծռմռում եմ հեծանիվի ղեկը, պայուսակս վայր է ընկնում, իսկ երիտասարդը, հավուր պատշաճի, պետք է թռչի հեծանիվից եւ պայուսակս վերցնի։ Մինչեւ նա իմ պայուսակը հասցնում է ինձ, մեղմանում է։ Դա դեռ ամենաանմեղն է, լինում են այնպիսիները, որոնք օդային համբույր են ուղարկում եւ ընդհանրապես սկսում են ձանձրացնել։ Բայց ես նրանց ասածներից չեմ։ Իջնում եմ հեծանիվից եւ ասում, որ ես չեմ ընդունում նրա ընկերակցությունը, իսկ երբեմն էլ ձեւացնում եմ, թե վիրավորված եմ եւ նրանք քշում եմ տուն։

Այ, տեսնում ես, մեր բարեկամության հիմքն արդեն դրված է։ Մինչեւ վաղը, Քիտտի։

Կիրակի, 21-ը հունիսի 1942թ.

Սիրելի Քիտտի,

Մեր ամբողջ դասարանը սարսափի մեջ է, շուտով մանկավարժական խորհրդի նիստ է լինելու։ Դասարանի կեսը գրազ է գալիս, թե ում կփոխադրեն եւ ում կթողնեն նույն դասարանում։ Միպ դը Յոնգը եւ ես արտասվելւ չափ ծիծաղում ենք մեր հարեւանների վրա, նրանք իրենց գրպանի ամողջ փողերն արդեն տանուլ են տվել։ Կփոխադրեն ― ոչ, կմնաս ― ոչ, կփոխադրեն․․․ Եվ այսպես առավոտից մինչեւ երեկո։ Ո՛չ Միպի աղերսող հայացքներն են օգնում, եւ ոչ էլ իմ դաստիարակչական եռանդուն միջոցառումները, դրանց ոչ մի կերպ չես կարող խելքի բերել։ Եթե ես լինեի, դրանց կեսին կթողնեի նույն դասարանում՝ այնպիսի ծույլիկներ են դրանք։ Բայց ուսուցիչները համառ մարդիկ են, գուցե դա մեր օգտին է։

Ես բոլոր ուսուցիչների ու ուսուցչուհիների հետ լավ փոխհարաբերության մեջ եմ։ Նրանք ինը հոգի են՝ յոթ տղամարդ եւ երկու կին։ Պարոն Կեպլերը մեր հին մաթեմատիկոսն է․ մի ժամանակ նա ինձ վրա ջղայնացել էր, որովհետեւ ես շատ եմ խոսում։ Նա ինձ հանդիմանեց, հետո որպես պատիժ հանձնարարեց շարադրություն գրել «Շատախոս» թեմայով։ Հը՜֊ըմ․․․ «Շատախո՜ս»․․․ Դե ի՞նչ կարող ես գրել դրա մասին։ Ես դրա վրա գլուխ չջարդեցի, տետրս դրի պայուսակս ու փորձեցի լռել։ Իսկ երեկոյան, երբ բոլոր դասերս վերջացրել էի, հիշեցի շարադրությունը։ Գրչակոթը կրծոտելով, մտածում էի այդ թեմայի մասին։ Ամեն մարդ էլ կարող է պատահական մի բան գրել եւ տողերը լցնել, բայց շատախոսի օգտին անառարկելի ապացույց գտնելն արդեն արվեստ է։ Ես մտածեցի, մտածեցի եւ հանկարծ գլխի ընկա․ մի շնչով գրեցի հանձնարարված երեք էջը եւ շատ լավ ստացվեց։ Ես ապացուցում էի, որ շատախոսությունը կանացի սովորություն է, որ ես, իհարկե, կաշխատեմ զսպել ինձ, բայց ախր իմ մայրն էլ ինձնից պակաս չի խոսում, իսկ ժառանգականության դեմ պայքարելը, դժբախտաբար, շատ դժվար է։

Պարոն Կոպլերը շատ ծիծաղեց իմ բացատրությունների վրա։ Բայց հենց որ նրա դասին էլի սկսեցի խոսել, նա երկրորդ շարադրությունը հանձնարարեց, այս անգամ «Անուղղելի շատախոսը» վերնագրով։ Ես դա էլ գրեցի եւ մի երկու դաս ինձ հիանալի պահեցի։ Իսկ երրորդ դասին շատախոսությունս նորից նրան համբերությունից հանեց եւ Աննային էլի հանձնարարվեց շարադրություն գրել․ «Կրյակ֊կրյակ, մամզել բադիկ»։ Ամբողջ դասարանը իրար խառնվեց։ Ես էլ ծիծաղեցի, թեեւ շատախոսի մասին այլեւս ոչ մի բան չկարողացա հորինել։ Հարկավոր էր մի նոր յուրօրինակ բան մտածել։ Իմ ընկերուհի Սաննան, որ հիանալի բանաստեղծուհի է, խորհուրդ տվեց բանաստեղծություն գրել եւ ցանկություն հայտնեց ինձ օգնելու։ Ես ցնծության մեջ էի։ Թող Կեպլերն ինձ ծաղրի, ես նրան կհատուցեմ, ծարուծանակի կենթարկեմ ամբողջ դասարանով մեկ։

Բանաստեղծությունը հիանալի էր ստացվել, հաջողությունը ցնցող էր։ Այնտեղ գրված էր մայր բադի, բադաքլորի եւ երեք բադիկների մասին, որոնց հայրը կտցահարելով սպանել էր, որովհետեւ նրանք չափից շատ էին կռկռացել։ Բարեբախտաբար, Կեպերը հասկացավ կատակը ու այդ բանաստեղծությունը կարդաց ե՛ւ մեր դասարանում, ե՛ւ ուրիշ դասարաններում, եւ այն էլ՝ բացատրություն տալով։ Դրանից հետո ես ուզածիս չափ խոսում եմ եւ ոչ մի տուգանային աշխատանք չեմ ստանում։ Ճիշտն ասած Կեպլերը էլի ինձ կատակով ծաղրում է։

Աննա։

Չորեքշաբթի, 24-ը հունիսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Անտանելի շոգ է։ Բոլորը հեւում են, փնչացնում, քրտնում արեւի այդ կիզիչ տաքությունից, իսկ դու ստիպված ես նույնիսկ վազել ոտքով։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան լավ բան է տրամվայը, հատկապես բաց վագոնները։ Բայց դա արգելված պտուղ է հրեաներիս համար։ Մնում է միայն գնալ ոտքով, հետիոտն։ Երեկ ինձ անհրաժեշտ էր ընդմիջման ժամին գնալ Յան֊Լյուկենստրաատ, ատամնաբույժի մոտ։ Դա բավականին հեռու է մեր դպրոցից, այնտեղ գնալու համար պետք էանցնել քաղաքային այգու կողքով։ Ես այնքան էի հոգնել, որ վերջին ժամերին քիչ էր մնում քնեի։ Լավ էր, որ ճանապարհին բարի մարդիկ հանդիպեցին եւ ինձ ջուր առաջարկեցին։ Ատամնաբույժի ասիստենտուհին շատ լավն է, ուշադիր։

Մենք կարող ենք օգտվել միայն փոքր նավակներից, որը գնում է Յոզեֆիզրաելսկադից։ Եվ այդ նավակի վրա աշխատողը մեր խնդրելուց հետո իսկույն փոխադրեց մեզ։ Հոլանդացիներն, իհարկե, մեղավոր չեն, որ մեր վիճակն այդքան վատ է։

Գոնե դպրոց չգնայի։ Զատկի օրերին իմ հեծանիվը գողացան, իսկ մայրիկինը հայրիկը պահ էր տվել ծանոթի մոտ։ Բարեբախտաբար շուտով արձակուրդ է, մի շաբաթից հետո մեր տանջանքները կվերջանան։

Երեկ ցերեկը մի շատ հաճելի բան պատահեց։ Երբ ես անցնում էի այն տեղով, որտեղ սովորաբար թողնում էի հեծանիվս, ինչ֊որ մեկը ինձ ձայն տվեց։ Ես շուռ եկա եւ տեսա շատ համակրելի մի տղայի, որ հետ ծանոթացել էի նախորդ օրը իմ դպրոցական ընկերուհիներից մեկի՝ Եվայի մոտ։ Նա մի փոքր ամաչելով ասաց իր անունը՝ Հարրի Հոլդբերգ։ Ես զարմացա եւ չհասկացա թե ինչ էր պետք նրան։ Բայց շուտով ամեն ինչ պարզվեց․ նա ուզում էր ինձ ուղեկցել դպրոց։ «Եթե քո ճանապարհին է, գնանք», ― պատասխանեցի ես, եւ մենք գնացինք միասին։ Հարրին արդեն 16 տարեկան է եւ շատ հաճելի բաներ է պատմում։ Առավոտյան նա դարձյալ սպասում էր ինձ, երեւի, հիմա այդպես էլ կշարունակվի։

Աննա։

Երեքշաբթի, 30-ը հունիսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Մինչեւ այս բոլորովին ժամանակ չեմ ունեցել գրելու։ Հինգշաբթի ամբողջ օրը ծանոթների մոտ եմ անցկացրել։ Ուրբաթ օրը մեզ մոտ են հյուրեր եկել, եւ այսպես մինչեւ այսօր։ Այս շաբաթ մենք Հարրիի հետ ընկերություն ենք արել։ Նա ինձ շատ բան է պատմել իր մասին։ Նա մենակ է եկել Հոլանդիա, այստեղ ապրում են նրա տատիկն ու պապիկը, իսկ ծնողները՝ Բելգիայում են։

Առաջ նա ընկերություն է արել Ֆաննի անունով մի աղջկա հետ։ Ես էլ եմ նրան ճանաչում։ Նա հեզության ու ձանձրույթի տիպար է։ Այն օրից, ինչ Հարրին ինձ հետ ծանոթացավ, հասկացավ, որ Ֆաննիի հետ շատ տխուր է կյանքը։ Ես, ինչպես երեւում է, նրան հաճույք էի պատճառում։ Երբեք չես իմանա, թե ինչի պետք կգաս։

Շաբաթ օրը Յոպպին գիշերեց ինձ մոտ։ Բայց կիրակի օրը նա գնաց Լիզի մոտ, եւ ես մահու չափ տխուր էի։

Երեկոյան ինձ մոտ պիտի գար Հարրին։ Ժամը վեցին զանգահարեց․

«Հարրի Հոլդբերգն է խոսում։ Կարելի՞ է Աննային կանչել»։

«Այո, Հարրի, այդ ես եմ»։

«Բարի երեկո, Աննա, ինչպե՞ս ես»։

«Շնորհակալություն, լավ եմ»։

«Ցավոք սրտի, այսօր չեմ կարող գալ։ Բայց ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Կարո՞ղ ես ինձ ընդառաջ գալ տասը րոպեից հետո»։

«Լավ, ես դուրս եմ գալիս»։

Ես շորերս արագ փոխելուց եւ մազերս մի փոքր ուղղելուց հետո կանգնեցի պատուհանի մոտ եւ հուզված էի։ Վերջապես նա եկավ։ Զարմանալի բան, ես անմիջապես չվազեցի աստիճաններով, այլ հանգիստ սպասեցի, որ զանգը տա։ Այդ ժամանակ ես իջա ներքեւ, եւ նա իսկույն սկսեց․

«Լսիր, իմ տատիկը գտնում է, որ դու ինձ համար շատ երիտասարդ ես։ Նա ինձ ասում է, որ ես պետք է գնամ Լուրսովների մոտ։ Նա, երեւի գլխի է ընկել, որ ես Ֆաննիին տեսնել չեմ ուզում»։

«Ինչո՞ւ, միթե գժտվել եք»։

«Ոչ, ընդհակառակը, բայց ես Ֆաննիին ասացի, որ մենք տարբեր մարդիկ ենք եւ դրա համար էլ ես չեմ ուզում նրա հետ երկար ժամանակ անցկացնել։ Բայց թող նա մեզ մոտ հյուր գա, ես էլ իրենց մոտ կգնամ։ Եվ հետո, ես կարծում էի, որ Ֆաննին ուրիշ տղաների հետ է ընկերություն անում։ Պարզվում է, որ դա ճիշտ չի, եւ հիմա քեռիս ասում է՝ դու պետք է ներողություն խնդրես նրանից։ Իսկ ես չեմ ուզում։ Դրա համար էլ որոշել եմ նրա հետ այլեւս չհանդիպել։ Տատիկս ուզում է, որ ես Ֆաննիի մոտ գնամ եւ ոչ թե քեզ մոտ, բայց մտքովս էլ չի անցնում։ Ծերունիները ինչ֊որ հին պատկերացում ունեն կյանքի մասին։ Բայց ես նրանց հետ հաշվի չեմ նստի։ Իհարկե, ես կախում ունեմ տատիկիցս, բայց նա էլ որոշ չափով ինձնից կախում ունի։ Չորեքշաբթի օրերը ես ազատ եմ, եւ պապիկն ու տատիկը կարծում են, թե ես գնում եմ ծեփանկարչության դասի, բայց իրականում լինում եմ սիոնիստական ժողովներին։ Մենք սիոնիստ չենք, բայց ինձ համար հետաքրքիր է նրանց մասին իմանալ։ Թեեւ վերջերս մի տեսակ հետաքրքիր էլ չի, եւ ես այլեւս այնտեղ չեմ գնա։ Ուրեմն մենք կարող ենք հանդիպել չորեքշաբթի եւ շաբաթ օրերը ցերեկը եւ երեկոյան, եւ կիրակի երեկոյան, գուցե եւ ավելի հաճախ»։

«Բայց եթե տատիկդ ու պապիկդ չեն ուզում, ինչո՞ւ ես դու նրանց կամքին հակառակ ինձ մոտ գալիս»։

«Սիրո համար խոչընդոտ չկա»։

Մենք թեքվեցինք դեպի անկյունը, գրքի կրպակի մոտ եւ այնտեղ տեսա Պետեր Վեսսելին իր երկու ընկերների հետ։ Արձակուրդից հետո ես առաջին անգամ էի տեսնում նրան եւ շատ ուրախացա։

Մենք Հարրիի հետ մի քանի անգամ շրջեցինք ամբողջ թաղով մեկ եւ վերջապես պայմանավորվեցինք, որ վաղը երեկոյան, յոթին հինգ պակաս, ես սպասեմ նրա տան մոտ։

Աննա։

Ուրբաթ, 3-ը հուլիսի 1942թ.

Սիրելի Քտտի․

Երեկ Հարրին եկավ մեզ մոտ՝ ծնողներիս հետ ծանոթանալու։ Ես տորթ էի առել, կեքս ու կոնֆետ։ Թեյ խմեցինք, բայց ինձ ու Հարրիի համար տխուր էր տանը նստելը։ Գնացինք զբոսնելու եւ ութն անց տասը րոպե նա ինձ ուղեկցեց տուն։ Հայրս սարսափելի ջղայնացավ, որ ես այդպես ուշ վերադարձա։ Հրեաների համար վտանգավոր էր երեկոյան ութից հետո փողոցում երեւալը, եւ ես խոստացել էի միշտ ութից տասը պակաս տանը լինել։

Վաղը ես հրավիրված եմ Հարրիի մոտ։ Իմ ընկերուհի Յոպպին նրան շարունակ ծաղրում էր։ Բայց ես բոլորովին էլ սիրահարված չեմ նրան։ Մի՞թե չի կարելի ընկեր ունենալ։ Ոչ մի վատ բան չկա, որ ես ընկեր ունեմ, կամ ինչպես մայրիկն է ասում, կավալեր։ Եվան ինձ պատմեց, որ Հարրին վերջերս եղել է նրա մոտ եւ նա հարցրել է․ «Ո՞վ է քեզ ավելի շատ դուր գալիս՝ Ֆաննի՞ն, թե Աննան»։ Իսկ նա ասել է․ «Քո գործը չի»։ Այլեւն նրանք այդ մասին չեն խոսել, բայց գնալիս ասել է․ «Իհարկե, Աննան․ միայն թե ոչ ոքի չասես»։ Եվ իսկույն փախել է։

Ես նկատում եմ, որ Հարրին սարսափելի սիրահարված է ինձ, եւ բազմազանության համար դա նույնիսկ ինձ դուր է գալիս։ Մարգոն նրա մասին ասում է․ «Հարրին խելոք է»։ Իմ կարծիքով նույնիսկ շա՜տ։ Մայրիկը հիացած է նրանով։ «Գեղեցիկ տղա է, շատ դուրեկան, լավ դաստիարակված»։ Ես ուրախ եմ, որ Հարրին մեր ամբողջ ընտանիքին դուր եկավ եւ մերոնք էլ նրան են շատ դուր գալիս։ Միայն իմ ընկերուհիները նրան բոլորովին երեխաներ են թվում, եւ նա ճիշտ չէ։

Կիրակի, 5-ը հուլիսի 1942թ.

Տարեկան ամփոփումը շատ լավ անցավ, մեզ փոխադրեցին։ Իմ գնահատականները բոլորովին վատ չեն։ Միայն մի «վատ» ունեմ, հանրահաշիվը՝ հինգ է, երկու վեց ունեմ, իսկ մնացած բոլորը յոթ են եւ երկու՝ ութ։ Տնեցիները բոլորն էլ շատ գոհ են։ Այդ հարցում իմ ծնողները ուրիշների նման չեն։ Նրանց համար կարեւոր չէ իմ լավ կամ վատ գնահատականները, նրանց համար ավելի կարեւոր է, որ ես ինձ «քաղաքավարի» պահեմ, առողջ լինեմ եւ ուրախ։ Միայն թե դրանք կարգին լինեն, մնացած գործերը յոլա կգնան։ Բայց ես այնուամենայնիվ ուզում եմ լավ սովորել։ Ըստ էության ես գիմնազիա եմ ընդունվել պայմանական, որովհետեւ Մոնթեսսորի դպրոցի վերջին դասարանը չավարտեցի։ Բայց քանի որ բոլոր հրեա երեխաները պետք է տեղափոխվեին հարեւան գիմնազիա, դիրեկտորը ընդունեց ինձ ու Լիզին, ճիշտ է պայմանական, երկար ու բարակ խոսելուց հետո։ Ես չեմ ուզում նրան հիասթափեցնել։ Իմ քույրը՝ Մարգոն նույնպես ստացել է իր գնահատականների թերթիկը, նա միշտ փայլուն գնահատականներ է ունենում։ Եթե պարգեւատրեին, նա երեւի գովասանագրով կփոխադրվեր, այնքան խելացի է։

Հայրս վերջին ժամանակները շատ է լինում տանը։ Նրան չի կարելի գրասենյակ գնալ։ Սարսափելի զգացում ունի՝ հանկարծ պարզվի, որ ինքն ավելորդ է։ Պարոն Կոոպխոյսը նրանից ընդունել է «Տրավիսը», իսկ պարոն Կրալերը՝ «Կոլեն եւ Ընկ․» ֆիրման, որտեղ հայրս նույնպես բաժնետեր էր։

Օրերս, երբ ես ու հայրիկը զբոսնում էինք, նա ինձ հետ սկսեց ինչ֊որ «ապաստարանի» մասին խոսել։ Ասաց, որ մեզ համար շատ դժվար կլինի ամբողջ աշխարհից կտրված ապրել։ Ես հարցրի, թե նա ինչու սկսեց այդ մասին խոսել։

«Դու գիտես, ― ասաց նա, ― որ մենք մի տարուց ավելի է ինչ մեր հագուստները, գույքն ու մթերքները պահում ենք ծանոթների մոտ։ Մենք չենք ուզում մեր ունեցվածքը թողնել գերմանացիներին, եւ մանավանդ՝ ընկնել նրանց ձեռքը։ Դրա համար էլ մենք պիտի հեռանանք, ոչ թե սպասենք, որ նրանք մեզ վերցնեն»։

Ես սկսեցի սարսափել, հայրիկն այնպիսի լուրջ դեմք ուներ։

«Իսկ ե՞րբ»։

«Դրա մասին մի մտածիր, աղջիկս։ Ժամանակը կգա՝ կիմանաս։ Իսկ քանի հնարավորություն կա, օգտվիր ազատությունից»։

Եվ այսքան։ Ախ, գոնե այդ օրը շատ հեռու լիներ։

Աննա։

Չորեքշաբթի, 8-ը հուլիսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Կիրակի առավոտից մինչեւ այսօր ցերեկը կարծես մի ամբողջ տարի է անցել։ Այնքան բաներ են պատահել, կարծես աշխարհը շուռ է եկել։ Բայց, ինչպես տեսնում ես, Քիտտի, ես դեռ ապրում եմ, իսկ դա հայրիկի խոսքերով ասած, ամենագլխավորն է։

Այո, ես ապրում եմ, միայն թե մի հարցնի, թե ինչպես եւ որտեղ։ Երեւի, այսօր, դու ինձ բոլորովին չես հասկանում։ Ստիպված եմ քեզ սկզբից պատմել այն ամենը, ինչ կատարվեց կիրակի օրից սկսած։

Ժամը երեքին Հարրին հենց նոր էր գնացել եւ ուզում էր շուտ վերադառնալ, հանկարծ զանգը տվին։ Ես ոչինչ չէի լսել, պատշգամբում ճոճանակին պառկած կարդում էի։ Հանկարծ դռների մոտ վախեցած երեւաց Մարգոն։ «Աննա, հայրիկին գեստապոյից ծանուցագիր են ուղարկել, ― շշնջաց նա։ ― Մայրիկը վազեց վան Դաանի մոտ»։ (Վան Դաանը հայրիկի լավ ծանոթն էր ու նրա պաշտոնակիցը)։

Ես սարսափելի վախեցա։ Ծանուցագիր․․․ բոլորն էլ գիտեն, թե ինչ է նշանակում համակենտրոնացման ճամբար․․․ Ես պատկերացրի բանտի խցերը, միթե մենք պիտի թողնենք, որ հայրիկին տանեն։ ― «Չպետք է թույլ տալ», ― վճռական ասաց Մարգոն։ Մենք նստել էինք հյուրասենյակում եւ մայրիկին էինք սպասում։ Մայրիկը գնացել էր վան Դաանի մոտ, որպեսզի որոշեին վաղը գնա՞լ ապաստարան, թե ոչ։ Վան Դաաներն էլ պիտի գային մեզ հետ, յոթ հոգի կլինեինք։ Մենք լուռ նստած՝ ոչինչ չէիք կարողանում խոսել։ Այն միտքը, որ հայրիկը առանց որեւէ բան կասկածելու գնացել էր հրեական անկելանոցը իր խնամակալության տակ եղածներին տեսնելու, տանջում էր մեզ, իսկ սպասողական վիճակից, շոգից, սարսափից մենք բոլորովին թմբրել էինք։

Հանկարծ հնչեց զանգը։ «Հայրիկն է», ― ասացի ես։ «Մի բաց», ― արգելեց Մարգոն, բայց իզուր էր այդ վախը, որովհետեւ մենք լսեցինք մայրիկի եւ վան Դաանի ձայնը, նրանք Հարրիի հետ էին խոսում։ Հետո Հարրին գնաց, իսկ նրանք ներս մտան եւ դռները փակեցին։ Ամեն զանգից հետո ես կամ Մարգոն կռանում էինք ու ներքեւ նայում, թե հայրիկը չի՞ արդյոք՞ Որոշել էինք ոչ մեկին ներս չթողնել։

Սենյակից մեզ դուրս արին։ Վան Դաանը ուզեց մայրիկի հետ մենակ խոսել։ Մեր սենյակում նստած ժամանակ Մարգոն ասաց, որ ծանուցագիրը ոչ թե հայրիկին է եկել, այլ իրեն։ Ես ավելի շատ վախեցա ու սկսեցի դառն արտասվել։ Մարգոն ընդամենը տասնվեց տարեկան է։ Մի՞թե նրանք ուզում են այդ տարիքի աղջկան ուղարկել առանց ծնողների։ Եվ, բարեբախտաբար նա մեզնից չի հեռանա։ Այդպես ասաց մայրիկը, եւ, երեւի, հայրս էլ ինձ դրան էր նախապատրաստում, երբ ապաստարանի մասին էր խոսում։

Ի՞նչ ապաստարան է։ Որտե՞ղ պիտի թաքնվենք, քաղաքո՞ւմ, գյուղո՞ւմ, որեւէ տա՞նը, խրճիթո՞ւմ, ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ։ Այդ հարցերը չէր կարելի տալ, բայց դրանք շարունակ պտտվում էին իմ գլխում։

Ես ու Մարգոն սկսեցինք մեր դպրոցական պայուսակների մեջ դասավորել ամենաանհրաժեշտ իրերը։ Առաջին հերթին ես վերցրի այս տետրակը, հետո ինչ որ պատահեց՝ թաշկինակներ, դասագրքեր, սանր, հին նամակներ։ Ես մտածում էի այն մասին, թե ինչպե՞ս պիտի թաքնվենք, եւ պայուսակիս մեջ խոթեցի ամեն մի հիմար բան։ Բայց ես չեմ ափսոսում, հուշերը զգեստներից թանկ են։

Ժամը հինգին վերջապես վերադարձավ հայրիկը։ Նա զանգահարեց պարոն Կոոպխոյսին եւ խնդրեց, որ երեկոյան մեզ մոտ անցնի։ Պարոն վան Դաանը գնացի Միպի ետեւից։ Միպն աշխատում էր հորս գրասենյակում 1933 թվականից, նա դարձել էր մեր հավատարիմ բարեկամը, նրա ամուսին Խենկն էլ էր մեր բարեկամը դարձել։ Նա եկավ, կոշիկները, զգեստները, վերարկուները, մի քիչ սպիտակեղեն եւ գուլպաներ տեղավորեց ճամպրուկում եւ խոստացավ երեկոյան նորից անցնել։ Վերջապես մեզ մոտ խաղաղվեց։ Ոչ ոք ուտել չկարողացավ։ Դարձյալ շոգ էր եւ ընդհանրապես մի տեսակ տարօրինակ ու անսովոր։

Մեր վերեւի սենյակը վարձել է ոմն պարոն Գոուդսմիտ, նա կնոջից բաժանված է, մոտ երեսուն տարեկան է։ Ինչպես երեւում է, այդ կիրակի նա գործ չունի անելու, նստել է մեզ մոտ մինչեւ ժամը տասը, եւ ոչ մի կերպ չի կարելի նրան դուրս վռնդել։

Ժամը տասնմեկին Միպն ու Խանկ վան Սանտենը եկան։ Միպի ճամպրուկում եւ նրա ամուսնու խոր գրպաններում դարձյալ սկսեցին անհետանալ գուլպաներ, մաշիկներ, գրքեր եւ սպիտակեղեն։ Տասնմեկն անց կեսին լրիվ ծանրաբեռնված նրանք գնացին։ Ես սաստիկ հոգնել էի, եւ, թեեւ գիտեի, որ վերջին գիշերն եմ քնելու իմ մահճակալին, բայց իսկույն քունս տարավ։ Առավոտյան հինգն անց կեսին մայրիկն արթնացրեց ինձ։ Բարեբախտաբար այնքան էլ շոգ չէր, ինչպես կիրակի օրը։ Ամբողջ օրը տաք անձրեւ էր մաղում։ Մենք չորսս էլ այնքան էինք տաք շորեր հագել, որ կարծես թե պատրաստվում էինք սառցարանում գիշերելու։ Բայց մեզ անհրաժեշտ էր որքան հնարավոր է շատ հագուստ վերցնել։ Մեր վիճակում ոչ ոք խիզախություն չէր անի ծանր ճամպրուկներով քայլել փողոցներով։ Ես հագել էի երկու շապիկ, երկու զույգ գուլպա, երեք հատ տրիկո եւ զգեստ, իսկ վրայից էլ հագել էի յուբկա, ժակետ, ամառային վերարկու, հետո իմ լավ կոշիկները, բոտիներս, գլխիս դրել էի գլխարկս, կապել ամեն տեսակի գլխաշորեր եւ շարֆեր։ Տանն արդեն քիչ էր մնում շնչասպառ լինեի, բայց ոչ ոք ժամանակ չուներ դրա մասին մտածելու։

Մարգոն պայուսակը լիքը դասագրքեր լցրած, հեծանիվ նստեց ու քշեց Միպի ետեւից։ Ես դեռ չգիտեի, թե այդ ինչ գաղտնի տեղում ենք թաքնվելու․․․ Յոթն անց երեսուն րոպեին դռներն աղմուկով փակեցինք մեր ետեւից։ Միակ արարածը, որին ես հրաժեշտ տվի, դա Մավրիկն էր, իմ սիրելի փիսիկը, նրան պետք է հարեւանները պատսպարեին։

Այդ մասին մենք մի երկտող թողեցինք պարոն Գոուդսմիթին։ Խոհանոցի սեղանին մի ֆունտ միս էինք թողել կատվի համար, սեղանատան սեղանը չէինք հավաքել, անկողինները թողել էինք բաց վիճակում։ Կարծես թողած փախած լինեինք։ Բայց համար միեւնույն էր, թե մարդիկ ինչ կասեն։ Մենք ուզում էինք միայն հեռանալ եւ բարեհաջող տեղ հասնել։ Վաղը էլի կգրեմ։

Աննա։

Հինգշաբթի, 9-ը հուլիսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Հայրիկը, մայրիկը եւ ես այդպես վազում էինք հորդ անձրեւի տակով, յուրաքանչյուրիս ձեռքին ամեն ինչով լցված բերնեբերան պայուսակներ։

Առավոտյան շուտ աշխատանքի գնացող բանվորները կարեկցանքով նայում էին մեզ։ Նրանց դեմքերից երեւում էր, որ վշտացած են մեզ համար եւ խղճում են, որովհետեւ այդքան ծանրությունը մենք ոտքով պիտի քարշ տայինք, իսկ տրամվայ նստել չենք կարող։ Բոլորն էլ տեսնում էին դեղին աստղը, իսկ դա արդեն բավական էր։

Ճանապարհին ծնողներս ինձ մանրամասն պատմեցին, թե ինչպես ծագեց փախչելու պլանը։ Արդեն ամիսներ առաջ նրանք մեր գույգի եւ հագուստների մի մասը ապահով տեղ էին տարել։ Նախօրոք ամեն ինչ արվել էր եւ մենք հուլիսի տասնվեցին պետք է թաքնվեինք։ Բայց ծանուցագիրը տասն օր առաջ եկավ եւ ստիպված պետք է հաշտվեինք այն մտքի հետ, որ շենքը դեռ լրիվ պատրաստ չէ։ Ապաստարանը հորս գրասենյակումն է։ Կողմնակի մարդիկ դա չեն պատկերացնի։ Դրա համար ստիպված պիտի բացատրեմ։ Հայրս միշտ էլ քիչ աշխատողներ է ունեցել, պարոն Կրալերն է, պարոն Կոոպխոյսը, Միպը եւ Էլլի Վոսսենը, քսաներեքամյա մի սղագրուհի։ Սրանք բոլորը գիտեն, թե մենք որտեղ պիտի լինենք։ Տեղյակ չէ միայն պարոն Վոսսենը, Էլլիի հայրը, որն աշխատում է պահեստում, եւ նրա երկու ծառաները։

Տան պլանը այսպիսին է․ առաջին հարկում՝ մեծ պահեստն է՝ առաքման բաժինը։ Պահեստի դռան կողքին մի կրկնակի դուռ կա, որը տանում է դեպի փոքրիկ աստիճանները։ Եթե այդ աստիճաններով բարձրանաս, կհասնես չթափանցող ապակյա մի դռան, որի վրա սեւ տառերով գրված է «Գրասենյակ»։ Դա հենց գլխավոր գրասենյակն է, բավականին մեծ ու լուսավոր, որտեղ շատ մարդիկ կան։ Ցերեկները այնտեղ աշխատում են Միպը, Էլլին եւ պարոն Կոոպխոյսը։ Միջանցուկ սենյակի միջով, որտեղ դրված են բազմաթիվ պահարաններ, մեծ բուֆետ եւ չհրկիզվող պահարան, մտնում ես մի մութ առանձնասենյակ, որտեղ առաջ նստել են պարոն Կրալերն ու պարոն վան Դաանը, իսկ հիմա մնացել է միայն պարոն Կրալերը։ Միջանցքից մի ապակյա դուռ է բացվում դեպի այդ առանձնասենյակը, որը կարելի է բացել միայն ներսի կողմից։

Կրալերի առանձնասենյակից միջանցքով բարձրանում են չորս աստիճան եւ ներս մտնում գրասենյակի ամենալավ սենյակը՝ դիրեկտորի առանձնասենյակը։ Այնտեղ մուգ գույնի գեղեցիկ կահույք կա դրված, լինոլեումի վրա գորգ է փռված, ռադիոընդունիչ կա, գեղեցիկ, շքեղ լամպ, մի խոսքով հիանալի է։ Կողքին ընդարձակ խոհանոցն է «տիտանով» եւ գազի երկու օջախներով։ Մի քիչ այն կողմ զուգարանն է։ Այդ բոլորը առաջին հարկումն է։ Երկար միջանցքից փայտե աստիճանը տանում է դեպի վեր, դեպի նախասենյակ։ Աջ ու ձախ կողմերում դռներ են։ Ձախը տանում է դեպի պահեստը եւ մառանը, որոնք ունեն ձեղնահարկ, այս տեղամասը զբաղեցնում է շենքի առջեւի մասը։ Շենքի մյուս կողմում դարձյալ երկար ու խիստ ուղղահայաց՝ իսկական հոլանդական մի աստիճան կա, որը տանում է դեպի փողոցի երկրորդ մուտքը։

Աջ դուռը բացվում է դեպի մեր ապաստարանը։ Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այդ հասարակ գործ դռան ետեւում այդքան ծակուծուկեր կան։ Դռների մոտ մի սանդուղք կա, եւ դուք այնտեղ եք։ Անմիջապես այդ մուտքից սկսվում են դիք աստիճանները։ Ձախ կողմում մի փոքրիկ նախասենյակ է, որը տանում է դեպի սենյակ, իսկ այդ սենյակը Ֆրանկ ամուսինների համար ծառայելու է որպես սեղանատուն եւ ննջարան, կողքին էլ մի փոքրիկ սենյակ է․ դա Ֆրանկ քույրերի ննջարանն է եւ դասասենյակը։ Սանդուղքի աջ կողմում մութ մի սենյակ կա՝ լվացարանով եւ առանձին զուգարանով։ Այս սենյակից մի դուռ է բացվում իմ ու Մարգոյի ննջարանի մեջ։ Երբ աստիճաններով բարձրանում ես եւ բացում վերեւի դուռը, պարզապես զարմանում ես, որ այդքան հին շենքի ետեւի մասում հանկարծ այդպիսի մեծ, լուսավոր ու գեղեցիկ սենյակի ես հանդիպում։ Այդ սենյակում գազի սալօջախ կա դրված եւ մի սեղան՝ ամանները լվանալու համար։ Այստեղ մինչեւ մեր գալը ֆիրմայի լաբորատորիան է տեղավորված եղել։ Իսկ հիմա սա կլինի խոհանոց, սեղանատուն, ննջարան եւ առանձնասենյակ վան Դաան ամուսինների համար։ Փոքրիկ, միջանցուկ խցիկը կլինի Պետեր վան Դաանի թագավորությունը։ Այստեղ կա եւ ձեղնահարկ, ինչպես որ շենքի առջեւի մասում էր։ Տեսնում ես, ես քեզ նկարագրեցի մեր սքանչելի ապաստարանը։

Աննա։

Ուրբաթ, 10-ը հուլիսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Գուցե ես քեզ շատ ձանձրացրի մեր բնակարանի երկար ու բարակ նկարագրությամբ։ Բայց ախր դու պիտի իմանաս, թե որտեղ եմ ես վայրէջք կատարել։ Շարունակում եմ, որովհետեւ ես դեռ բոլորը չեմ ասել։ Երբ մենք եկանք Պրինսենգրախտ, Միպն իսկույն մեզ տարավ վերեւ, ապաստարան։ Նա մեր ետեւից փակեց դռները եւ մենք մնացինք մենակ։ Մարգոն հեծանիվով մեզանից առաջ էր եկել ու այնտեղ արդեն մեզ էր սպասում։ Մեր սենյակը, եւ ընդհանրապես մնացած բոլոր սենյակներն էլ նման էին հնավաճառի պահեստի․ անհնարին է նկարագրել, թե ինչ էր այդտեղ տիրում։ Այն բոլոր ստվարաթղթերն ու ճամպրուկները, որոնք ամիսներ շարունակ լցրել էին այստեղ, անփույթ թափված էին իրար վրա։ Փոքրիկ սենյակը մինչեւ առաստաղը մահճակալներ ու անկողիններ էին։ Պետք էր դրանք իսկույն տեղավորել, եթե, իհարկե, երեկոյան ուզում էինք անկողնում պառկել։ Մայրիկն ու Մարգոն չկարողացան մատը մատին կպցնել։ Նրանք սարսափելի հոգնած էին եւ պառկեցին ներքնակների վրա։ Իսկ մենք, ես ու հայրիկը, ընտանիքի գլխավոր «հավաքարարներս», անմիջապես գործի անցանք։ Բոլորը քանդեցինք, հավաքեցինք, թափ տվինք, լվացինք ու երեկոյան դեմ, հալից ընկած, պառկեցինք մաքուր անկողնում։ Ամբողջ օրը տաք բան չէինք կերել։ Ասենք, դա ավելորդ է։ Մայրիկն ու Մարգոն չափազանց ջղային վիճակում էին, նրանք ուտել չէին ուզում, իսկ ես ու հայրիկն էլ ժամանակ չունեինք։ Երեքշաբթի առավոտից նորից շարունակեցինք մեր գործը։ Էլլին ու Միպը մեր քարտերով ինչ֊որ բաներ էին առել, հայրիկը լուսավորեց խոհանոցը եւ մենք լվացինք հատակը, մի խոսքով բոլորս էլ առավոտից մինչեւ երեկո աշխատեցինք։ Մինչեւ չորեքշաբթի ես ընդհանրապես ժամանակ չեմ ունեցել նույնիսկ մտածելու այդ վիթխարի հեղաշրջման մասին, որ կատարվեց իմ կյանքում։ Եվ միայն չորեքշաբթի օրը՝ ապաստարան գալուց հետո, առաջին անգամ ես կարողացա խորհել ամեն ինչի մասին եւ գրել քեզ թե ինչ կատարվեց եւ դեռ ինչեր կարող են կատարվել մեզ հետ։

Աննա։

Շաբաթ, 11-ը հուլիսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Հայրիկը, մայրիկն ու Մարգոն ոչ մի կերպ չեն կարողանում ընկերանալ Վեստերտուրմայից լսվող զանգի ձայնին․ այդ զանգը զնգում է յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ անգամ։ Իսկ ինձ նույնիսկ դուր է գալիս, շատ գեղեցիկ է հատկապես գիշերը, դա ինձ այնպես է հանգստացնում։ Երեւի դու շատ ես ուզում իմանալ, արդյոք ապաստարանն ինձ դո՞ւր է գալիս։ Ճիշտն ասած, ինքս էլ չգիտեմ։ Ինձ թվում է, որ ես այստեղ ինձ այնպես չեմ զգա, ինչպես տանը։ Ես չեմ ուզում ասել, որ այստեղ սարսափելի է կամ տխուր։ Երբեմն ինձ թվում է, որ ես ընկել եմ ինչ֊որ շատ սարսափելի մի պանսիոն։ Զարմանալի պատկերացում ունեմ գաղտնի ապաստարանի մասին, ի՞նչ ես կարծում։ Ըստ էության շենքի մեր մասը հիանալի ապաստարան է։ Դժբախտություն չի, որ այստեղ խոնավ է ու առաստաղները ծուռ են, այնուամենայնիվ ամբողջ Ամստերդամում, գուցե եւ ամբողջ Հոլանդիայում ավելի հարմար թաքստոց չես գտնի։

Սկզբում մեր սենյակը բոլորովին դատարկ էր։ Բարեբախտաբար հայրիկը վերցրել էր կիոաստղերի ու բնանկարների իմ կոլեկցիաները եւ ես սոսնձի ու վրձինի օգնությամբ ամողջ պատերը ծածկեցի նկարներով։ Հիմա մեզ մոտ շատ ուրախ է։ Հենց որ վան Դաանները գան, ձեղնահարկում եղած տախտակներից պատի փոքրիկ պահարաններ կսարքենք եւ ուրիշ էլի անհրաժեշտ բաներ։

Մարգոն ու մայրիկը իրենց լավ են զգում։ Երեկ մայրիկն առաջին անգամ որոշեց ճաշ եփել։ Սիսեռով ապուր։ Բայց նա ներքեւում այնպես էր խոսակցության բռնվել, որ ամբողջ ապուրն այրվեց, սիսեռները բոլորովին ածուխ էին դարձել եւ հնարավոր չէր դրանք կաթսայից պոկել։ Ափսոս, որ այդ մասին չեմ կարող պատմել մեր ուսուցչին՝ Կեպլերին։ Այ քեզ ժառանգականություն։

Երեկ երեկոյան մենք բոլորս իջանք առանձնասենյակ՝ անգլիական ռադիոհաղորդում լսելու։ Ես սոսկալի վախենում էի, որ հարեւաններից մեկը կնկատի, եւ ուղղակի աղաչում էի հայրիկին, որ միասին բարձրանանք վերեւ։ Մայրիկը գլխի ընկավ, որ ես վախենում եմ եւ եկավ միասին բարձրացանք վերեւ։ Ընդհանրապես մենք շատ ենք վախենում, որ հանկարծ մեկը լսի կամ տեսնի մեզ։ Հենց առաջին օրը վարագույրները կարեցինք։ Ճիշտն ասած, դրանք պարզապես տարբեր կտորների մնացորդներ էին տարբեր գույնի ու ձեւի, որոնք ես ու հայրիկը մի կերպ կարեցինք։ Այդ ճոխ վարագույրները մեխերով ամրացրել ենք պատուհանների փայտերին եւ քանի մենք այստեղ ենք, դրանք չեն հանվի։

Մեր տնից դեպի աջ մի մեծ գրասենյակ կա, դեպի ձախ՝ կահույքի արհեստանոց։ Այդ երկու տեղերում էլ աշխատանքից հետո ոչ մի շունչ չկա, բայց այնուամենայնիվ ձայնը կարող է այնտեղ թափանցել։ Դրա համար էլ մենք Մարգոյին արգելել ենք նույնիսկ գիշերը հազալ, նա սարսափելի մրսել է։ Խեղճը ստիպված կոդեին է կուլ տալիս։

Շատ եմ ուրախացել, որ վան Դաանները երեքշաբթի գալու են։ Լավ կլինի, թե չէ այսպես մի տեսակ լուռ է։ Իսկ լռությունը սարսափելի զայրացուցիչ բան է, հատկապես երեկոները եւ գիշերը․ ես ամեն ինչ կտայի, միայն թե մեր պաշտպաններից մեկն ու մեկը մեզ մոտ գիշերեր։ Ինձ միշտ թվում է, որ մենք այստեղից այլեւս դուրս չենք գա, եւ որ մեզ կգտնեն ու կգնդակահարեն։ Այս միտքը սարսափելի նեղում է ինձ։ Ցերեկն էլ պիտի լռություն պահպանել, չի կարելի բարձրաձայն քայլել եւ պետք է խոսել համարյա շշուկով, որպեսզի ներքեւում, պահեստում մեզ չլսեն։ Ինձ են կանչում։

Աննա։

Ուրբաթ, 14-ը օգոստոսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Մի ամիս կլինի, որ քեզ լքել եմ։ Ախր ամեն օր նոր բան չի լինում գրելու։ Հուլիսի 13֊ին վան Դաանները եկան։ Ըստ էության պայմանավորվել էին տասնչորսին գալու, բայց, որովհետեւ գերմանացիները այդ օրերին ավելի շատ հրեաներ էին կանչել եւ ընդհանրապես շատ անհանգիստ ժամանակներ էին, նրանք որոշել էին ավելի լավ է մի օր շուտ գան, քան թե ուշ։ Առավոտյան ինն անց կեսին, երբ մենք նստած նախաճաշում էինք, հայտնվեց Պետեր վան Դաանը, որ բավականին տխուր ու ամոթխած դեմքով մի պատանի է, տասնվեց տարեկան։ Նա ծոցին դրած մի կատու էր բերել, անունը Մուշի։ Գիտեմ, որ այս տղան ինձ համար անհետաքրքիր կլինի։ Կես ժամ հետո ներկայացան վան Դաան ամուսինները, ի զարմանս մեր բոլորի՝ կնոջ ձեռքին գլխարկի մի տուփ կար գիշերանոթը մեջը դրած։ «Չեմ կարող առանց գիշերանոթի ապրել», ― բացատրեց նա, եւ մեծածավալ ամանը իսկույն տեղավորեց մահճակալի տակ։ Ամուսինը գիշերանոթ չէր բերել, դրա փոխարեն նա թեւի տակ դրած քարշ էր տվել ծալովի մի փոքրիկ սեղան։ Առաջին օրը մենք բոլորս հավաքվեցինք, եւ երեք օր հետո այնպես լավ էինք զգում մեզ, որ կարծես թե միշտ միասին ենք ապրել այդ մեծ ընտանիքում։

Այն շաբաթը, որ վան Դաանները մեզանից հետո մնացել էին մարդկանց մեջ, իհարկե շատ ապրումներ էին ունեցել եւ մեզ դրանք բոլորը պատմեցին։ Մեզ առանձնապես հետաքրքրում էր, թե ինչ էր կատարվել մեր բնակարանում եւ ինչ էր պատահել պարոն Գոուդսմիտին։

Եվ վան Դաանը մեզ պատմեց․ «Երկուշաբթի առավոտյան ժամը իննին Գոուդսմիտը զանգահարեց ինձ եւ խնդրեց, որ իր մոտ գնամ։ Նա ինձ ցույց տվեց ձեր թողած երկտողը (կատվի մասին, թե ուր պետք է հանձնել)։ Նա սարսափելի վախենում էր խուզարկությունից, եւ մենք սեղանը հավաքեցինք ու ընդհանրապես սենյակը կարգի բերեցինք։ Հանկարծ տիկին Ֆրանկի սեղանի օրացույցի վրա ինչ֊որ նշում տեսա։ Դա Մաաստրիխեի հասցեն էր։ Ես, իհարկե, իսկույն հասկացա, որ դա կանխամտածված «անզգուշություն» էր, բայց զարմացած ու վախեցած ձեւացա ու սկսեցի խնդրել պարոն Գոուդսմիտին այրել այդ թշվառ թերթիկը։ Շարունակ պնդում էի, որ ոչինչ չգիտեմ ձեր փախչելու որոշման մասին։ Եվ հանկարծ կարծես թե գլխի ընկա․ «Պարոն Գոուդսմիտ, ― ասացի ես, ― ես նոր հասկացա, թե դա ինչ հասցե է։ Մոտավորապես կես տարի առաջ մեզ մոտ գրասենյակ եկավ գերմանացի մի ուշագրավ սպա, պարոն Ֆրանկի մանկության ընկերը։ Նա խոստացավ նրան օգնել, եթե այստեղ վտանգավոր դառնա ապրելը։ Այդ սպան ծառայում է Մաաստրիխտում․ երեւի նա կատարել է իր խոստումը եւ Ֆրանկներին ուղարկել Բելգիա, իսկ այնտեղից՝ նրանց հարազատների մոտ, Շվեյցարիա։ Ֆրանկների ծանոթները, եթե ձեզ կհարցնեն նրանց մասին, դուք կարող եք հանգիստ ասել այդ մասին, միայն խնդրում եմ Մաաստրիխտի անունը չհիշատակեք»։ Դրանից հետո ես թողեցի դուրս եկա։ Հիմա ծանոթների մեծ մասը այդպես գիտի, եւ ինձ արդեն բազմաթիվ անգամ հայտնել են այդ վերսիան»։

Մենք հիացանք այդ պատմությունով եւ սրտանց ծիծաղեցինք, թե մարդիկ ինչեր ասես, որ չեն հորինում։ Եվ նույնիսկ մի ընտանիք հավատացրել է, որ իբր իրենք տեսել են, թե ինչպես մենք բոլորս միասին առավոտ շուտ սլացել ենք հեծանիցներով։ Մի ուրիշ կին հաստատել էր, որ իբր ինքը տեսել է, թե ինչպես են մեզ գիշերով տարել զինվորական մեքենայով։

Աննա։

Ուրբաթ, 21-ը օգոստոսի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Մեր ապաստարանը իսկական թաքստոց է դարձել։ Պարոն Կրալերի գլխում մի փայլուն միտք է հղացել՝ մեր մուտքը շենքի ետեւի մասից ամուր փակել, որովհետեւ հիմա շատ խուզարկություններ են կատարվում՝ հեծանիվ են փնտրում։ Այդ գործը կատարեց պարոն Վասսենը։ Նա գրքի շարժական դարակներ սարքեց, որը դռան նման բացվում է մի կողմի վրա։ Իհարկե, ստիպված էին նրան «իրազեկ դարձնել», եւ հիմա նա պատրաստ է մեզ ամեն ինչով օգնելու։ Այժմ ներքեւ իջնելիս նախ պետք է կռանալ եւ ապա թռչել, որովհետեւ փոքրիկ աստիճանը հանված է։ Երեք օրից հետո բոլորիս ճակատներին էլ սարսափելի ուռուցքներ գոյացան, որովհետեւ մոռանում էինք կռանալ ու գլուխներս կպչում էր ցածր դռանը։ Հիմա այնտեղ գլանիկ են ամրացրել։ Չգիտեմ, կօգնի թե ոչ։

Քիչ եմ կարդում։ Առայժմ ես դպրոցում սովորած շատ բաներ մոռացել եմ։ Այստեղ կյանքը միապաղաղ է։ Մենք պարոն վան Դաանի հետ հաճախ ենք վիճում։ Իհարկե նա Մարգոյին շատ է հավանում։ Մայրիկն ինձ միշտ փոքրի տեղ է դնում, իսկ ես դա տանել չեմ կարողանում։ Պետերն էլ հաճելի չէ։ Նա մռայլ է, ամբողջ օրը մահճակալին ընկած, երբեմն ինչ֊որ բան է շինում ու հետո էլի քնում։ Մի խոսքով փալաս է։

Եղանակը տաք է, եւ մենք դա վայելում ենք ձեղնահարկում շեզլոնգի վրա նստած։

Աննա։


Չորեքշաբթի, 2-ը սեպտեմբերի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Ֆրու վան Դաանը եւ նրա ամուսինը սոսկալի վիճեցին։ Այդպիսի բան ես իմ կյանքում դեռ չէի տեսել։ Հայրիկն ու մայրիկը երբեք այդպես չեն բղավել մեկը մյուսի վրա։ Վեճի առիթը այնքան դատարկ բան էր, որ դրա մասին խոսել չարժե։ Մի խոսքով երկուսն էլ իրենց ասածի են։ Պետերի համար սարսափելի տհաճ վիճակ է․ երկու կրակի մեջ է։ Բայց նրան ոչ ոք լուրջ մարդու տեղ չի դնում, որովհետեւ նա շատ ծույլ ու դանդաղկոտ է։ Երեկ նա հանկարծ սկսեց հուզվել, թե լեզուն փառակալած է։ Բայց շուտով ամեն ինչ անցավ։ Այս նա վիզը փաթաթել էր հաստ շարֆով, ասում է գոտկացավ ունեմ, եւ բացի այդ ցավում են թոքերը, սիրտը եւ երիկամները։ Ինչեր ասես, որ չի հնարում։ Այս տղան տիպիկ հիպոխոնդրիկ է (կարծեմ դա այդպես է կոչվում)։

Մայրիկն էլ շատ չի հաշտվում ֆրու վան Դաանի հետ, եւ դրա համար բավականին հիմքեր կան։ Օրինակ համար վան Դաանը իր սպիտակեղենը խնայելու եւ մերը օգտագործելու ամենաազնիվ դիտավորությամբ սպիտակեղենի ընդհանուր պահարանում դրել էր ընդամենը երեք սավան։ Նա շատ է զարմանում, երբ տեսնում է, որ մայրիկն էլ է հետեւլ իր օրինակին։ Տիկինը միշտ զայրանում է, որ իր սպասքն է օգտագործվում, եւ ոչ թե մերը։ Շարունակ փորձում է իմանալ, թե որտեղ է մեր ճենապակեղենը, եւ չի կասկածում, որ իրենից երկու քայլ հեռավորության վրա է։ Իսկ մենք դա թաքցրել ենք ձեղնահարկում, վրան զանազան ռեկլամներ լցրել, եւ կմնա այնտեղ այնքան ժամանակ, քանի մենք չենք գնացել։ Իմ բախտը չի բերում։ Երեկ ես ձեռքիցս մի ափսե գցեցի։ Տիկինը զայրացած բղավեց վրաս․ «Զգույշ եղիր, էլի՛։ Իմ ունեցած չունեցածը սա է»։ Բայց պարոն վան Դաանը ոնց որ թե քծնում է ինձ։

Այսօր առավոտյան մայրիկն էլի երկար֊բարակ նախատնիք թափեց գլխիս։ Չէ, այլեւս չեմ կարող։ Մենք բոլոր հարցերում էլ մի քիչ ավելի շատ ենք զայրանում։ Հայրիկը բոլորովին ուրիշ է, նա ինձ հասկանում է, թեկուզեւ մի րոպե էլ վրաս փնթփնթում է։

Անցյալ շաբաթ ընդհարվեցինք։ Առիթը՝ կանանց մասին եղած գիրքն էր․․․ եւ․․․ Պետերը։ Ես պիտի քեզ ասեմ, որ Մարգոյին ու Պետերին թույլ են տալիս ամեն տեսակի գրքեր կարդալու, որոնք պարոն Կոոպխոյսն է գրադարանից բերում։ Բայց այդ գրքերը մեծերը չէին ուզում նրանց տալ։

Անշուշտ Պետերին հետաքրքրել էր, թե ինչի մասին է գրված այդ արգելված գրքում։ Նա մորից թաքուն թռցրել էր եւ ավարի հետ միասին թաքնվել ձեղնահարկում։ Երկու օր ամեն ինչ հարթ անցավ։ Նրա մայրն այդ բոլորը նկատել էր, բայց ոչինչ ցույց չէր տվել։ Այդ ժամանակ միջամտել էր հայրը։ Նա զայրացել էր, Պետերի ձեռքից վերցրել այդ գիրքը եւ գործը դրանով համարել ավարտված։ Բայց նա չէր պատկերացնում, թե ինչքան էր իր որդին հետաքրքրասիրությունից այրվում։ Պետերը գտնում էր, որ հոր բողոքի պատճառով ինքն իրեն չպետք է զրկի այդ հաճույքից։ Եվ նա մտածում է, թե ոնց անի, որ այդ «խորհրդավոր» գիրքը նորից ձեռք բերի։ Միաժամանակ ֆրու վան Դաանը խորհրդակցել էր մայրիկիս հետ, իսկ մայրիկս ասել էր, որ թեեւ Մարգոյին կարելի է ամեն գիրք կարդալ, բայց այդ գիրքը հարմար չէ։

«Ճիշտն ասած Մարգոյի եւ Պետերի միջեւ տարբերություն կա, ֆրու վան Դաան, ― ասաց նրան մայրիկը։ ― Նախ աղջիկներն ավելի շուտ են հասունանում, քան տղաները, երկրորդ, Մարգոն շատ է կարդացել, ծանոթ է ավելի լուրջ ստեղծագործությունների, եւ հետո նա անհամեմատ ավելի զարգացած, ավելի կրթված աղջիկ է։ Չէ՞ որ նա համարյա գիմնազիա է ավարտել»։

Սկզբունքորեն ֆրու վան Դաանը համաձայնեց դրան, բայց այնուամենայնիվ ասաց, որ ինքը անհրաժեշտ չի համարում երիտասարդությանը տալ այնպիսի գրքեր, որոնք նախատեսված են մեծերի համար։

Իսկ Պետերը առայժմ միայն սպասում է հարմար առիթի, որ նորից գիրքը ձեռքը գցի։ Եվ երեկոյան, երբ ամբողջ ընտանիքով դիրեկտորի առանձնասենյակում նստած ռադիո էին լսում, նա իր գանձի հետ միասին բարձրացավ ձեղնահարկ։

Ութն անց կեսին նա պիտի ներքեւ իջներ, բայց այնպես էր տարվել գրքով, որ չէր նկատել ժամանակը եւ ձեղնահարկից գաղտագողի իջավ այն րոպեին, երբ հայրը ներս մտավ։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կատարվեց այստեղ։ Մենք լսեցինք խլացուցիչ ապտակ, քաշքշոց, գիրքը թռավ սեղանին, իսկ Պետերը դեպի սենյակի ակյնունը։ Ընթրիքին եկան միայն ամուսինները։ Պետերը մնացել էր վերեւում, ոչ ոք նրա մասին չհիշեց, նրան թողել էին առանց ընթրիքի։ Մենք անցանք հերթական օրակարգին, այսինքն՝ սկսեցինք ուտել։ Եվ հանկարծ․․․ ականջ ծակող սուլոց․․․ Մենք քարացանք, գունատված նայեցինք իրար երեսի, դանակ֊պատառաքաղներն ընկան ձեռքներիցս։ Եվ այդ ժամանակ լռության մեջ հնչեղ Պետերի ձայնը․

«Չկարծեք, թե ես կիջնեմ»։

Վան Դաանը վեր թռավ տեղից, եւ խեցգետնի նման կարմրելով բղավեց․

«Չէ, սա արդեն չափազանց է»։

Հայրիկը բռնեց նրա թեւը, վախենալով որ հանկարծ մի փորձանք կբերի, եւ նրանք երկուսով բարձրացան վերեւ։ Կատաղի ընդհարումից եւ սարսափելի աղմուկից հետո Պետերին ուղարկեցին իր սենյակը եւ դուռը վրան բանալիով փակեցին։ Նրա բարի մայրիկը ուզեց որդու համար բուտերբրոդ պահել, բայց հայրը անողոք էր․

«Եթե նա իսկույն եւեթ ներողություն չխնդրի, թող քնի ձեղնահարկում»։

Մենք բոլորս սկսեցինք վիճել եւ ապացուցել, որ առանց ընթրիքի մնալը բավարար պատիժ է, իսկ եթե նա մրսի, նույնիսկ բժիշկ չի կարելի կանչել։

Սակայն Պետերը ներողություն չխնդրեց եւ գնաց ձեղնահարկ։ Պարոն վան Դաանը ձեւացնում էր, թե ինքը գործ չունի որդու հետ, բայց հաջորդ առավոտյան նա Պետերին տեսավ մահճակալին քնած։ Ժամը յոթին նա նորից բարձրացավ ձեղնահարկ եւ միայն հոր հորդորներից հետո համաձայնեց իջնել ներքեւ։

Երեք օր բոլորը քայլում էին հոնքները կիտած, համառորեն լռում էին, իսկ հետո ամեն ինչ առաջվա պես ընթացավ։

Աննա։

Երկուշաբթի, 21-ը սեպտեմբերի 1942թ.

Սիրելի Քիտտի․

Այսօր ես քեզ կպատմեմ մեր առօրյա մանրուքների մասին։ Ֆրու վան Դաանը անտանելի կին է։ Շարունակ ինձ հանդիմանում է զրուցասիրության համար։ Շարունակ ինչ֊որ բանով փչացնում է մեր կյանքը։ Մեկ էլ հանկարծ հրաժարվում է ամանները լվանալուց։ Կամ եթե անում էլ է, կաթսայի մեջ մնացած ճաշը մեզ նման չի դատարկում ապակե ամանի մեջ, այլ թողնում է, որ փչանա։ Հաջորդ օրը Մարգոն ստիպված երկու անգամ ավելի շատ կաթսա է լվանում, իսկ այդպիսի ժամանակ տիկինն ասում է․

«Այո, Մարգո, սիրելիս, իսկապես դու մինչեւ կոկորդ թաղված ես գործի մեջ»։

Ես ու հայրիկը մեզ համար զբաղմունք ենք գտել։ Մենք գծում ենք նրա ընտանիքի տոհմաբանական աղյուսակը, եւ նա ամեն մեկի մասին մի որեւէ բան պատմում է։ Եվ ես նրանց հետ ինչ֊որ ամուր կապ եմ զգում։ Ամեն երկու շաբաթը մեկ պարոն Կոոպխոյսը գրադարանից ինձ գրքեր է բերում, որոնց վրա գրված է՝ «աղջիկների համար»։ Ես հիացած եմ «Յուպ֊տեր֊Խեյ» մատենաշարով, եւ Ցիսսի ֆոն Մարկսֆելդի բոլոր գրածներն էլ ինձ դուր են գալիս։ «Ուրախ ամառ»֊ը չորս անգամ եմ կարդացել եւ էլի հենց որ հասնում եմ ծիծաղելի տեղերին՝ քրքջում եմ։ Մենք արդեն սկսել ենք պարապել, ես ամեն օր հինգ անկանոն բայ եմ անգիր անում եւ ընդհանրապես մեծ եռանդով եմ սովորում ֆրանսերենը։ Պետերը տքնում է իր անգլերեն դասի վրա։ Մենք նոր դասագրքեր ենք ստացել, իսկ տետրեր, մատիտներ, սոսինձ, ռետին եւ ուրիշ բաներ մենք տնից ենք բերել մեզ հետ։ Հաճախ լսում եմ «Օրանների» հաղորդումը։ Հենց նոր ելույթ ունեցավ արքայազն Բերնհարդը եւ ասաց, որ նրանք հունվարին էլի երեխա են սպասում։ Բոլորը զարմանում են, որ ես այդպես սիրում եմ Հոլանդիայի թագավորի ընտանիքը։