[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
{{Վերնագիր
|վերնագիր = Ազատության փիլիսոփայություն
Այս աշխատության նախապատմությունն ու հետագա ճակատագիրը հասկանալու համար անհրաժեշտ է ոչ միայն հեղինակի կյանքի և ստեղծագործությսւն մանրակրկիտ ուսումնասիրություն, այլև արևմտաեվրոպական հոգևոր կյանքի առնվազն վերջին հարյուրամյակների խորը իմացություն, մասնավորապես գերմանական դասական փիլիսոփայության (Գյոթե-Հեգել-Շելլինգ-Ֆիխթե-Նիցշե-Է. Հարթման գծով) և հատկապես XX դարի առաջին քառորդի մշակութային ահռելի խմորումների ճանաչողություն, որոնց լեյտմոտիվն ի վերջո ազատության նոր իրագործման ձգտումն էր։ Թեմայի լրջությունն ու խորությունը դժվար է գերագնահատել։ Բնականաբար, խոսքը գնում է ազատության մասին։ Սակայն, ի տարբերություն տվյալ թեմայի շուրջ գրված բազմաթիվ այլ երկերի, այստեղ մենք գործ ունենք ոչ թե խոսքի և դատողությունների մակարդակով վերապրված ազատության, այլ տվյալ հեղինակի կյանքով և ստեղծագործությամբ ''ապացուցված'' և ''իրագործված'' ազատության, ազատության հենց ''մարմնավորման'' հետ։
1894-ին Գերմանիայում լույս տեսած այս գիրքը, դնելով ազատության իմացաբանական հիմքերը, հեղինակի հետագա գործունեության մեջ իրոք մարմնավորվում է որպես ազատության կենսագրություն՝ տալով մարդկության պատմության մեջ իմացաբանականսստեղծագործական իմացաբանական֊ստեղծագործական եզակի արդյունքներ։ Բերենք մի օրինակ. Ռուդոլֆ Շտայների երկերի (դեռ հրատարակվող) լիակատար ժողովածուն այսօր արդեն ընդգրկում է 352 հատոր։ Իմացաբանական շերտերն ընդգրկում են մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները։ Այսօր այդ իմացությունները շարունակում են մարմնավորվել մարդկային կոնկրետ գործունեության մեջ։ Դրանք մի մարդու կողմից իրագործված ազատության պտուղներն են, որոնք անձնականի սահմաններից ելնելով՝ արդեն համամարդկային նշանակություն ունեն։
Արդյունքներն ''այսօր'' շոշափելի են, օրինակ, կրթության ասպարեզում (Վալդորֆյան մանկավարժության մեթոդներով առաջնորդվող մանկապարտեզներ և դպրոցներ, որոնց թիվն ''այսօր'' աշխարհում անցնում է 500-ից, նոր ազատ համալսարաններ, բարձրագույն դպրոցներ և այլն), բժշկության մեջ (նորաստեղծ հիվանդանոցներում հիվանդությունների բուժում նոր ըմբռնման հիման վրա, նոր դեղորայքների ոչ քիմիական արտադրություն, տարբեր արվեստների ներգրավում թերապևտիկ բուժման պրոցեսում և այլն), գյուղատնտեսության մեջ (բիոդինամիկական գյուղատնտեսություն, որը լուծում է թե՛ էկոլոգիական, թե առողջ, քիմիական պարարտանյութերից զերծ սննդամթերքի արտադրության խնդիրներ), ֆինանսա-վարչական համակարգում (նոր բանկեր, ինքնակառավարման հիմունքների վրա ստեղծված վարչական նոր կառույցներ), արվեստի և գիտության տարբեր ոլորտներում (նկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երաժշտություն, թատրոն, էվրիթմիա, խոսքարվեստ, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն)։ Սա տքնաջան և դժվարին զարգացում է, ահռելի փորձություն, հատկապես արևմտյան քաղաքակրթության ներկայիս ընդերքում, ուր իրական ազատության փոխարեն աշխատանք-դրամ-հաճույք նշանաբանի ներքո ծաղկում է (մետաստազների հասնող ճոխությամբ) ազատության սոսկ արտաքին, նյութական կողմը սպառողական բնույթի հաճույքների անծայրածիր ջունգլիներում։ էգոիզմի զսպանակների վրա հիմնված այս մեխանիզմին ահռելի արագությամբ կուլ են գնում միլիոնավոր հոգիներ՝ չգիտակցելով անգամ արհավիրքի լրջությունը։ Մարդկությունը գտնվում է լուրջ փորձության մեջ։ Արևելքն ու Արևմուտքը, Հարավն ու Հյուսիսը յուրովի են վերապրում այդ փորձությունը՝ ստրկությամբ և ազատությամբ (կամայականությամբ). փորձություն, որի նշանաբանի տակ անցավ XX դարի պատմությունը և որի լուծումից է կախված XXI դարի ապագան։
''1918 թվականի նոր հրատարակության հավելում։ '' Վերոշարադրյալի մասին անկանխակալորեն խորհրդածելիս անհնար է հանգել այն տեսակետին, թե շարադրանքիս հեղինակը արտամարդկային փաստերի համար ժխտելով նպատակի հասկացությունը՝ կանգնած է եղել այն մտածողների հողի վրա, ովքեր չընդունելով այս հասկացությունը իրենց համար հնարավորություն են ստեղծում մարդու գործունեությունից դուրս եղած ամեն բան,- և ապա նաև այդ գործունեությունը,- ըմբռնելու որպես ''սոսկ '' բնութենական անցուդարձ։ Դրանից պիտի որ պաշտպանի արդեն իսկ այն հանգամանքը, որ մտածողական պրոցեսը այս գրքում ներկայացվում է որպես զուտ ''ոգեղեն '' պրոցես։ Եթե այստեղ նպատակի միտքը ժխտվում է նաև ոգեղեն, մարդու գործունեությունից դուրս գտնվող աշխարհի համար, ապա այն պատճառով, որ այդ աշխարհում հայտնակերպվում է առավել բարձր մի բան, քան մարդկության մեջ իրականացող նպատակը։ Իսկ եթե մոլոր միտք է համարվում մարդկային նպատակահարմարության օրինակով մտածված մարդկային ցեղի նպատակահարմար կոչումը, ապա այն իմաստով, որ առանձին մարդն է իր առջև նպատակներ դնում, իսկ դրանցից կազմվում է մարդկության համընդհանուր գործունեության արդյունքը։ Այդ արդյունքն ''առավել բարձր է '', քան դրա անդամները՝ մարդկանց նպատակները։
=== XII. Բարոյական երևակայություն (Դարվինիզմ և բարոյականություն) (132 ) ===
''Ազատ ոգին '' գործում է ելնելով իր մղումներից, այն է՝ ինտուիցիաներից, որ մտածողությամբ ընտրված են նրա գաղափարների աշխարհի ամբողջությունից։ ''Անազատ '' ոգու համար իր գաղափարների աշխարհից որոշակի ինտուիցիա որևէ գործողության հիմքում դնելու նպատակով առանձնացնելու պատճառը նրան տրված ընկալումային աշխարհն է, այսինքն նրա մինչ այդ ունեցած ապրումները։ Նախքան վճիռ կայացնելը նա հիշում է, թե համանման դեպքում ով ինչ է արել կամ անելու հավանություն տվել, կամ թե այս դեպքի համար Աստված ինչ է հրամայել և այլն, և գործում է ըստ այդմ։ Ազատ ոգու համար այս նախապայմանները գործելու միակ խթանները չեն։ Նա պարզապես կայացնում է ''առաջին '' վճիռը։ Ընդսմին, նրա համար միևնույն է, թե նման դեպքում ուրիշներն ինչ են արել կամ դրա համար ինչ են հրամայել։ Իր հասկացությունների հանրագումարից որոշակի հասկացություն առանձնացնելու և այն իրագործելու նրան մղող պատճառները զուտ գաղափարային են։ Բայց նրա գործողությունը կպատկանի ընկալելի իրականությանը։ Նրա կատարածն, ուրեմն, նույնական կլինի միանգամայն որոշակի ընկալումային բովանդակության հետ։ Հասկացությունը պիտի իրականանա մեկ առանձին, կոնկրետ իրադարձության մեջ։ Որպես հասկացություն այն չի կարողանա պարունակել այս առանձին դեպքը։ Վերջինիս նկատմամբ նրա հարաբերությունը կլինի այնպիսին, ինչպիսին է հասկացության հարաբերությունը ըն-կալման հանդեպ ընդհանրապես, օրինակ, ինչպես առյուծի գաղափարը՝ աոանձին առյուծին։ Հասկացության և ընկալման միջանկյալ օղակը պատկերացումն է (հմմտ. էջ 73 ե հաջորդը)։ Անազատ ոգու այս միջանկյալ օղակը տրված է ի սկզբանե։ Նրա գիտակցության մեջ մոտիվներն ի սկզբանե առկա են որպես պատկերացումներ։ Եթե նա կամենում է կատարել ինչ-որ բան, ապա վարվում է այնպես, ինչպես դա տեսել է մինչ այդ կամ ինչպես իրեն հրամայվում է այդ առանձին դեպքի համար։ Այդ պատճառով հեղինակության ազդեցությունը հատկապես մեծ է ''օրինակների շնորհիվ '', այն է՝ անազատ ոգու գիտակցությանը միանգամայն որոշակի առանձին գործողություններ ավանդելու շնորհիվ։ Քրիստոնյան գործում է ավելի շատ Փրկչի ''տիպարով '', քան ըստ ուսմունքների։ Կանոններն ավելի քիչ արժեք ունեն դրական գործունեության, քան որոշակի գործողություններից հրաժարվելու համար։ Օրենքները միայն այն դեպքում են մտնում ընդհանուր հասկացութային ձևի մեջ, երբ արգելում են գործողությունները և ոչ թե երբ դրանք կատարել են հրամայում։ Անազատ ոգուն որևէ բան անելու մասին օրենքները պետք է տրվեն միանգամայն կոնկրետ ձևով։ Մաքրի՛ր տանդ ւսռջևի փողոցը։ Վճարի՛ր այսինչ գումարի հարկերդ այսինչ հարկային ծառայությանը, և այլն։ Օրենքների հասկացութային ձևն ուղղված է գործողությունների կանխմանը՝ մի՛ գողանար։ Մի՛ շնանար։ Բայց այդ օրենքներն ազդում են անազատ ոգու վրա միայն որևէ կոնկրետ պատկերացում նշելու միջոցով, օրինակ, ժամանակին վրա հասնող հատուցում, կամ խղճի խայթ, կամ հավիտյան նզովք, և այլն։
Արտաքին ուժերը կարող են խոչընդոտել ինձ անելու իմ կամեցածը։ Այդ դեպքում դրանք ինձ պարզապես մատնում են անգործության կամ անազատության։ Եվ երբ դրանք կամենում են ստրկացնել իմ ոգին, գլխիցս հանել իմ դրդապատճառները ե դրանց տեղը դնել իրենցը, միայն այդ դեպքում են դրանք մտադիր զրկել ինձ ազատությունից։ Այդ պատճառով էլ եկեղեցին դեմ է ոչ թե պարզապես ''արարքին '', այլ հենց անմաքուր ''մտքերին '', այսինքն՝ իմ գործունեության դրդապատճառներին։ Եկեղեցին ինձ անազատ է դարձնում, երբ իրեն անմաքուր են թվում այն բոլոր դրդապատճառները, որ ինքը չի հաստատել։ Եկեղեցի լինի թե մեկ այլ հանրույթ՝ դրանք անազատություն են սերմանում, երբ դրանց քարոզիչները կամ ուսուցիչները իրենք իրենց համարում են խղճի տիրակալներ, այն է՝ երբ հավատացյալները ''ստիպված են '' իրենց գործողությունների դրդապատճառները ստանալ նրանցից (խոստովանարանից)։
''1918 թվականի նոր հրատարակության հավելում։ '' Մարդու կամեության վերաբերյալ այս դատողություններում ներկայացված է, թե մարդն ինչ ապրում կարող է ունենալ իր գործողություններից, որպեսզի այդ ապրումի շնորհիվ գա այն բանի գիտակցությանը, որ իր կամեությունն ազատ է։ Առանձնակի նշանակություն ունի այն հանգամանքը, որ կամեությունը որպես ազատ բնորոշելու իրավունք ձեռք է բերվում հետևալ ապրումի միջոցով. կամեության մեջ իրագործվում է գաղափարային ինտուիցիա։ Սա ''կարող է '' լինել միայն դիտարկման արդյունք, բայց այդպիսին է այն իմաստով, որ մարդու կամեությունը իրեն դիտարկում է մի զարգացման հոսքի մեջ, որի նպատակը կամեության՝ զուտ գաղափարային ինտուիցիայով պայմանավորված այդպիսի հնարավորությանը հասնելն է։ Դրան կարելի է հասնել, որովհետև գաղափարային ինտուիցիայում իր իսկ վրա հիմնված դրա սեփական էությունից զատ ուրիշ այլ բան չի գործում։ Եթե մարդու գիտակցության մեջ առկա է նման ինտուիցիա, ապա այն չի զարգացել օրգանիզմի պրոցեսներից (տե՛ս էջ 101 և հաջորդները), այլ օրգանական գործունեությունն է ետ քաշվել, որպեսզի տեղ բացի գաղափարայինի համար։ Եթե դիտարկում եմ ինտուիցիայի արտապատկեր հանդիսացող կամեություն, ապա այդ կամեությունից ետ է քաշված նաև օրգանապես անհրաժեշտ գործունեությունը։ Կամեությունն ազատ է։ Կամեության այս ազատությունը չի կարոդ դիտարկել նա, ով ի զորու չէ տեսնելու, որ ազատ կամեությունն այն է, երբ ''նախ '' ինտուիտիվ տարրի շնորհիվ թուլանում, ետ է մղվում մարդկային օրգանիզմի անհրաժեշտ գործունեությունը և դրա տեղը դրվում է գաղափարով ներթափանցված կամքի ոգեղեն գործունեությունը։ ''Յուրաքանչյուր '' կամեության անազատությանը հավատում է միայն նա, ով չի կարող իրականացնել ազատ կամեության երկանդամության այս դիտարկումը։ Ով կարող է դա անել, նա հասնում է այն բանի գիտակցմանը, որ մարդն անազատ է, եթե չի կարողանում ավարտին հասցնել օրգանական գործունեությունը ճնշելու պրոցեսը, որ այդ անազատությունը, սակայն, ձգտում է ազատության, և այդ ազատությունը ամենևին էլ վերացական իդեալ չէ, այլ մարդու էության մեջ առկա ուղղորդիչ ուժ։ Մարդն ազատ է այնչափ, որչափ կարող է իր կամեության մեջ իրագործել իրենում ապրող հոգեկան տրամադրությունը՝ զուտ գաղափարային (ոգեղեն) ինտուիցիաների ձևավորումը գիտակցելուն պես։