«Ահնիձոր»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ահնիձոր |հեղինակ = Հրանտ Մաթևոսյան |թարգմանիչ = |աղբյուր = }} Category:Արձակ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 23:46, 16 Ապրիլի 2016-ի դրությամբ

Ահնիձոր

հեղինակ՝ Հրանտ Մաթևոսյան


Հողը և գյուղը

Օհանես պապը մի հարյուր տարի առաջ թողնում-փախչում է Հաղպատի հողատեր Զառ-բարաթով-Աբդուլաշվիլուց։ Նրա ետևից գալիս են ուրիշներ՝ փախած սույն կամ ուրիշ իշխանիկից։ Իսկ Լոռին լիքը իշխանիկ էր։ Գալիս մի տեղ տեսնում են՝ մի գետակ թափով կտրում է պղտոր գետը, մյուս ափով ահագին տեղ քշում իր մաքուր ջրերը և նոր խառնվում-գնում։ Բռնում են այդ գետակի հունը և բարձրանում։ Այս, իհարկե, չի նշանակում, թե նրանք Սանասար-Բաղդասար էին և պետք է հիմնեին Սասուն։ Խեղճ մարդիկ էին՝ ունեցածը մի իշի վրա, և հիմնում են ընդամենը Ահնիձոր՝ աշխարհի ծայրին։ Անտառ, մի կտոր երկինք՝ դիմհարված յոթ ծխի, Հաղպատից բերված միակ շան հաչոց՝ անտառում խլանալիս, և արջ, և

— Տերիտորիան կազյոննի է, յոթի հատ դեղին ոսկի։

Սա, իհարկե, արջը չի ասում. արջը, նախ, դժվար թե գործածեր տերիտորիա բառը և, հետո, չէր հասկանա կազյոննի բառը, բոլորովին չէր հասկանա։ K3HHbIH... Արջը, շա՜տ, շատ, փնթփնթում է մարդու հարևանությունից և հաշտվում, որովհետև մարդու ձեռքին կացին կար։

«Գյուղ եք, հարկ տվեք», բայց գյուղ չէր: Ճիշտ է, ազդագիր Լալայանցը քարտեզ էր կազմել, քարտեզին Ահնիձորը նշանակել գյուղի պայմանական նշանով, կողքին գրել «Ախնազար», Հովհ. Թումանյանը հոդվածով քննադատել էր Լալայանցին, թե ինչու պարոն ազգագիրը սխալ է գրում հայոց գյուղերի անունները, ինչու, օրինակ, Ահնիձորը՝ Ախնազար,— սրանք ճիշտ են, բայց Ահնիձորը գյուղ չէր։

Իսկ հողը նույն կենսագրությունն ունի, ինչ հայոց՝ հազար անգամ մոխրացած, հազար մեկ անգամ կանաչած հողը. այստեղ մարդ ապրել է, այս ձորը եղել է մի բերրի հովիտ, մարդաշատ, ինչպես հայ հողի ուզածդ կտորը։

Նորերի խոփը դեմ էր առնում քարի, հերկվորը հանում էր քարը, և դա քանդակ-խաչ էր լինում։ Ցից էր դնում արտի կողքին, ինչպես դարեր առաջ, և դա, արտի հետ, դառնում էր սրբատեղի։

Ժամի ձորում սալ քարեր կային. հարմար բաներ էին, որ վրաները աղ փռվեր տավարի համար։ Գարնան հեղեղներից մեկը քարի տակից հանեց կմախք՝ բազուկը ոտքիդ հաստության։ Այդ տեղը գերեզմանոց էր եղել, շարունակեց գերեզմանոց լինել նորերի համար։

Հանդում մի տեղ պատերի մեջ կաղնու փտած բուն կա. պատերը տուն են եղել, տան մեջ կյանք։ Մարդկային կյանքը սրբվել է տնից, իսկ քարը քարին մնացել է, և պատերից ներս ծլե՛լ է կաղնին, աճե՛լ է կաղնին, ընկել ու փտե՛լ է կաղնին, որ ապրում է հինգ հարյուր տարի կանգնած, հինգ հարյուր տարի թիկնած՝ բանաստեղծության մեջ, երկու հազար տարի՝ ըստ մասնագիտական գրքերի, իսկ իրականում՝ անհայտ է թե ինչքան, որովհետև կաղնին չի ընկնում ու մեռնում, կաղնին միշտ կայծակնահար է լինում։ Քարը քարին մնացել է մինչև մեր օրերը, մի կաղնու կյա՛նք։

Խոփը դեմ է առնում քարի, և դա քար չի լինում, կարասների շարք է լինում, ամեն մեկը՝ մարդը ձեռքը բարձրացրած՝ այդ հասակի, երկու մարդ հազիվ գրկեն՝ այդպիսի փորով, բերաններին՝ սալ քար, մեջները՝ տակը թանձր նստած սև հեղուկ — երևի ձեթ, թե՞ ցորեն՝ փտած-հեղուկացած։ Մի ցորենի կյանք առաջ այստեղ մարդկային կյանք է եղել։

Մի քանի անգամ այս ձորերում առողջ զարկերակով տրոփել է կյանքը. եղել են ցորեն, ձեթ, ձեթի լույսի տակ մատենագիրն ուզեցել է թողնել դարերի համար կյանքի գովքը, բայց մահը անցել է ձորերի վրայով՝ որպես համաճարակ կամ Լանդթեմուր, և մնացել են կյանքի հետքեր՝ խաչ, կարաս, կալատեղեր ու գերեզմանոց։

Մարցեցի Մուխտիլ պապը պատմում է, որ ժողովրդին ջարդել ու տեղահան է արել լազգու Հասա՛նխանը։ Զրույցն է ասում։ Ձորերում ճրագը մի անգամ էլ էր հանգչելու։ Թուրքերն էին հանգցնելու։ Հովհաննես Թումանյանը չթողեց։

— Հա՛, ինքը չթողեց, Ուհանես Թումանյանը։ Տեսավ, որ ուզում են էս Ժողովրդի գլուխն ուտեն պրծնեն, նավ նստեց, Բաթումա ծովովովը գնաց թուրքի թագավորի մոտ։ Ասաց. բա անհարմար չե՞ս ղզգում... Չէ, դու ինձ ասա, իսկի ամոթ չե՞ս անում։ Էս խառնակ ժամանակներումը որ էս մի ամբողջ ազդի գլուխը կերար, բա, հետո որ խաղաղությունն ընկավ, ի՞նչ պատասխան պտիս տալ մենձ ազգերին։ Թագավորը մտածեց ու փաշին ետ կանչեց։

... Վերջերս սարերում խամ հողեր վարեցին։ Դեռ չէին գտել, թե ինչ են ցանելու, դեղին ծաղկով ծփաց կտավատը։ Նորերն այդտեղ սերմ չեն գցել։ Այդտեղ սերմ գցել են հազար տարի առաջ։ Մահը տարել է շինականին, և բերքը չի հավաքվել։ Եկող գարնանը հողը չի հերկվել, մոլախոտը սրբել է մարդու հետքը։ Իսկ կտավատը թաք է կացել հողում, սպասել հերկվողին։ Անցել է տասը տարի՝ սպասել է. անցել է հիսուն տարի՝ սպասել է, արտատեղը կորել,հավասարվել է արոտում՝ նա սպասել է, սպասել է հազա՛ր տարի։ Եվ դեղին դաշտը ծփաց վերջերս։

Փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք, երի՜ցս չէ, հազա՛ր անգամ փառք։

Յոթ ընտանիք՝ հավասար ունեցվածքով, կյանքի համար պայքարում հավասար, մանր հաղթանակներում ու մանր պարտություններում հավասար։ Ամենքը երկու ձեռքով՝ ափերի մեջ հավասար կոշտուկներ, որոնց վրա նորերն էին քարանալու, և կոշտուկով պետք է ստեղծվեին կով, ոչխար, ձի։ Օհանես պապն ունեցավ յոթ տղա մի աղջիկ, այդքան էլ ունեցավ Քառանց Մելիք պապը, և այլն։ Չկար տեր ու ծառա, պարտապան ու պարտատեր, և այլն։ Մի տեսակ՝ օհանեսամելիքյան կամ մելիքաօհանիսյան սոցիալիզմ։

Հետո, թե ինչ է Մուկուչանց Արշակը պախրայի որս շատ է սիրել քան մաճ բռնելը, նրա տղերքը դարձել են Օհանես պապի տղերանց հոտաղը։ Հետո, թե ինչ է Քառանց տղերքը լավ անասնապահ են եղել, նրանց ոչխարն ու կովը շատացել է և ուրիշ ձեռքի կարիք են զգացել, բերել են Ղազախի թուրերից։ Հետո, թե ինչ է Օհանես պապի Ավետիք որդին բուխարու մոտ նստելը ավելի է սիրել քան ծեգը-ծեգին լծկան հավաքել-լծելը, իսկ Աթո որդին աշխատանք սիրող է եղել և նախանձ, եղբայրներից բաժանվել է ու հարստացել։ Ու ձեռ է առել Ավետիք եղբորը, թե՝ «թաղիր, թաղիր, ոտներդ թաղիր բուխարու միջին, տաքությունը լավ բան է... Այ քու տունը քանդվի ոչ, քու տո՜ւնը...»։

Նոր օրերում Ահնիձորը նոր սոցիալիզմի համար կռվող մարտիկներ տվեց, թեպևտև կռվողներ չտվեց մյուս ծայրի համար։ Պատմում են, որ Թոմայանց Սարգիս քեռին՝ Օհանես պապի թոռը, կոլեկտիվից գոմեշ է գողացել, խրտնեցրել, քարի գլխից գցել է, մորթել ու տարել։ Ուզում ես նրան կռվող հաշվել մյուս ծայրից, բայց, շարունակում են պատմել, մեկ էլ տեսնում ես՝ մարդը հայտնվեց դաշնակցական բանտում։ Ուղղակի՝ գող է եղել, թռցրել է՝ ումից կարողացել է։


Ամենամարտական դեպքը մոտավոր անցյալից

Սարվորը հնձվորին մածուն է բերում, հնձվորը սարվորին կարտոֆիլ։ Սարվորը վերևում է, հնձվորը՝ ձորում։ Սարից բերելը հեշտ է։ Ձորից ձին փրփուր կաթելով է բարձրանում վեր։ Հետիոտն բեռ տանելն անմտություն է։ Բեռը կարտոֆիլ պիտի լիներ — հենց որ զառիվերը վերջանում է՝ կա։ Կոլտնտեսությանն է, չի կարելի, բայց զառիվերի գլխին է, ուրթին մոտիկ։ Պահակ կա, բայց ախար շատ լավ կարտոֆիլ է՝ սպիտակ ու խոշոր- իսկը խոճկորներ։ (Գյուղի 1500 մետր հողդ հա՛ շուռ ես տալիս, սերմ գցում, սերմ վերցնում, վերցրածդ էլ բթամատի չափ)։ Հետո, ախար, զառիվե՜րը, շալակո՜վ... Ձի՛ն է փրփուր կաթում։

Կգնաս առանց շալակի, զառիվերի գլխին կարտոֆիլի ցանք կա, այնտեղից կշարունակես շալակով։ Պահակն Ադամ քեռին է։

Եվ օգոստոսի վերջերից, հենց որ կարտոֆիլը հասնում էր, դաշտը մի կողմից սկսում էր սևանալ. դա մածնի հատուցումն էր։

Պահակ Աղամ քեռուն ասում են, որ լավ չի պահակություն անում։ Համաձայնում է։ Պարտավորեցնում են, որ աչալուրջ լինի։ Պարտավորվում է։ Բայց սևը շարունակում է մեծանալ և մինչև քոչի սարից իջնելը բռնում է դաշտի կեսը։

Որոշում են, որ ճամփի վրա, ուրթի տակին, էլ կարտոֆիլ չեն ցանի։ Բայց ախար, սար գնացողը մեղք կլիներ. գյուղից շալակեր տաներ սարը և տարածը լիներ գյուղի դառը կարտոֆիլ։ Անխղճություն կլիներ։ Նորից ցանում են և, որովհետև ճամփի վրա է լինում, պահակ են դնում։ Պահակը նորից լինում է Ադամ քեռին։ Եվ՝ անցած, նախանցած, հին տարիների պատմությունը։

Այս անգամ Ադամ քեռուն շատ լուրջ զգուշացում են տալիս՝ հանելու սպառնալիքով։ Մեղքն ընդունում է ղեկավարների առաջ նաև՝ մտքում։ Ոչ մի թուփ կարտոֆիլ, — այս վճռով Ադամ քեռին դուրս է գալիս գրասենյակից, ճամփա ընկնում պահակատեղ, բայց զառիվերը ելնելիս քանի գնում թուլանում է վճռականությունը։ Ախար, անտերը շատ է դիք ու շատ է երկար, քամում թողնում է առանց մի կաթիլ ջրի։ Դե նախագահի պարտքն է, որ բրիգադիրն զգուշացնի, բրիգադրի պարտքն է՝ իրեն Ադամ քեռուն հիշեցնի, նրա պարտքն էլ «հա» ասելն է։ Ինչպես նաև հնձվորի պարտքն է սարվորին կարտոֆիլ տանի։ Հո շալակո՞վ չպիտի տանի, հո նախագահն ու բրիգադիրը անհասկացո՞ղ չեն։ Ձի՛ն է փրփուր կաթում...

Զառիվերի գլխին այնքան նեկտարածաղիկ կա... Մի ափի չափ հովիտ է, բայց այնքան ծաղիկ կա... Հենց հասնում ես՝ քաղցր բուրմունքը ռունգներիդ է խփում։

Հովտից Ադամ քեռին դուրս է գալիս հոգին խաղաղված, ռուգների մեջ տանելով հովտի բույրը։ Մի քիչ դենը Սպիտակ աղբյուրն է. բլթում է քարի միջից, մի կունքով, սառը և սառնությունից կապույտ երանգով, ու գլորվում է ձորը։ Ափերը միագույն կանաչ են, փափուկ։ Բացարձակ անդորրի մեջ աղբյուրը զնգում է։ Ինչպես մանկական հեքիաթում։

Աղբյուրից դենը պահակի քողտիկն է՝ կանաչ խոտով ծածկված, կանաչ աշխարհի հետ ձուլված-կորած։ Մոտիկից էլ չի երևում։ Կարծես իսկի քողտիկ չկա, պահակ չկա։ Կարտոֆիլն առանց պահակի է։

Պահակ, անպայման, կար. գյուղը լուր ընկավ, որ Դանելանց Ադամ քեռին մեկին բոթել է՜... Կարտոլ հանելիս է եղել, չի թողել, հրել է, հետն էլ ասել «մարդ աստծո, շառդ քաշի, կոլխոզի կարտոլ է, ես էլ պահակ եմ, հո էստեղ խրտվիլա՞կ չեմ ***»։ Հա՜, Ադամ քեռին մեկին ծեծել է... Ուզեցին իմանալ՝ ինչ տեղն է խփել, ինչպես է խփել... օգնել էր, միասին հանել էին ու միասին հնարել, թե Ադամ քեռին մեկին բոթել է՜, և նա շատ նեղացած է ահնիձորցիներից ընդհանրապես, Ադամ քեռուց մասնավորապե՜ս...

Այսինքն՝ գյուղը հորանջում էր. ոչ քնած էր, ոչ արթուն։

Գյուղկոոպի նախագահ Անուշավան Մարուքյանը Ահնիձորի ալարկոտությունը հայհոյելուց հոգնել էր. ամբողջ գյուղից մեկը չկար, որ կարողանար խանութի աշխատող դառնար. ամբողջ գյուղով փորձեցին. մեկ֊մեկ ընդունվեցին դուրս եկան, բան չստացվեց. ուղղակի՝ ալարկոտությունը տարբեր ազգանուններով անցնում էր վաճառասեղանի ետևը։ Եվ՝ գյուղկոոպի Ահնիձորի խանութը միշտ պոչո՛ւմ, պոչո՛ւմ, պոչո՛ւմ...

Եվ գյուղի բրիգադիրը շրջկենտրոնում ալարելով զեկուցում էր.

— Էնա կարտոլի կեսը ձնի տակին մնաց, հասցրինք ոչ հանենք, պլանը շատ էր, ժողովուրդը քիչ էր, մեր գեղի ժողովուրդն էլ, գիտես էլի, ջարդվելու բան է... ալարկո՜տ...

Իսկ «Ժողովուրդը» սպասում էր մի բանի, որն աշխուժացներ կյանքը, դարձներ այնպիսին, ինչպիսին կա, շատ չէ, մի շչակի ձայնի հեռվության վրա՝ Կիրովական, Ձորագէս, Ձաղիձոր։ Ժողովուրդը հնարել էր, թե առողջարան է բացվելու Ահնիձորում, սոճիների բացատում, աղբյուրի վրա. հնարել ու հեղինակավորել էր առողջապահության մինիստրության անունով։ Ասում էին նաև, թե երկաթգիծ է անցնելու ձորերով, հետո դրան չէին հավատում, նորեն դառնում էին առողջարանի մտքին, որովհետև հիանալի բնություն ունի Ահնիձորը, առողջարանի համար պիտանի, և, անհավանական չէ, մեկ էլ տեսար առողջապահության մինիստրությունը...

Ինչ որ է. ալարում էին և սպասում։


Արջը

Իրիկունը արջը ձորից դուրս եկավ, իրեն տվեց ուրթի մեջտեղը։ Շուն, կով, կաթ, կթվոր իրար խառնեց ու՝ էլի ձորը՝ հետը տանելով դասատու Գևորգ Աբովյանի տատի, ամոթ է ասելը, էնիքը, էն, էլի, որ տատերը հագնում են փեշի տակից։ Այդտեղ, վրանի մոտ, հրացանը ձեռքին կանգնած էր դասատուն։ Իրար տեսան, արջն ու ինքը կանգնեցին իրար երեսի նայեցին, հետո արջն աչքով արեց, վարտիքը վերցրեց ու՝ ձորը։ Դասատուն հրացանը ձեռքին ընկել էր ու ծիծաղից գալարվում էր...

— Գնա՛, գնա՛... ինչ ես բերանդ բաց արել... գնա՛... ետևից իջիր...

— Կոտո... հա, հա... կոտորակ է... արջի փամփուշտ չունեմ։

Ձեռքը տվեցին կարաբին ու ձի։ — Գնա՛...

— Նանի, էն որ լվացել էիր, ո՞ւր է... Որ լվացել էիր, էդտեղ փռած էր...— ծիծաղից խեղդվելով ասում էր նա, բայց կթվորուհիները բան չէին հասկանում։

— Իջի՛ր, կհասցնես, գնա՛...

— Ձին քշեց, որ գնա,— ձի՞ն էր խամ, թամբած չէր՝ դրանի՞ց էր,— ընկավ...

— Վայ, օյինբազ, օյինբազ... ցիրկ է, ցիրկ...

Վարտիքի մասին այստեղ սուտ էր, արջը վարտիք չէր տարել։

Մնացածը ճիշտ է։

Արջը գիշերը խոզանոցները մտավ, մյուս օրը մոռուտից հալածեց աղջիկներին, հետո վերաձևեց հովվի յափնջին ու ջանը։ Խոզերի ականջներից էր կսմթել, աղջիկներից մեկի դույլն էր իրեն պահել, շան ականջն ու պոչը պոկել։ Կարգին ծիծաղ։

Հետո չափի զգացումը կո րցրեց. մի տասը խոզ սպանեց։ Գյուղում վճռվեց, որ պիտի սպանվի։

Ուրեմն Գևորգը՝ դասատուն, եկավ հին որսորդ Գիրիշի մոտ, որ գնան սպանեն։

— Ասում ես վնաս է տվել, Հա...— քմծիծաղը բեղի տակ պահած՝ հարցրեց Գիրիշ քեռին։

— Ասում են տվել է։

— Եղա՜վ։ Կսպանենք։ Վնաս է տվել, շատ է տվել կսպանենք։ Ասում ես սպանենք, հա։

— Ասում են քեռի Գիրիշի հետ սպանեցեք։

— Եղա՜վ։ Ասել են սպանեցեք, կսպանենք։— Խոսեցնում էր ու պղնձալարով հրացանի փողն ամրացնում խզակոթին։ — Ասում ես դու ուրթումն էիր, որ ինքն եկավ, ինչո՞ւ չկրակեցիր։

— Կոտորակ էր, արջի գնդակ չունեի։

— Կոտորակ էր, արջի գնդակ չունեիր, հասկանալի է։ Բա որ ձի նստեցիր, կարաբինը ձեռքիդ էր, ինչո՞ւ չգնացիր։

— Ձիուց ընկա։

— Ձիուց ընկար...— Խոսում էր ու թաքուն ծիծաղում։ — Հավատում եմ, կոտորակ էր, կարաբինն ուշ բերին, ձին խամ էր, ձիուց ընկար՝ չսպանեցիր։ Հավատում եմ, հավատում։ — Խոսում էր, հետն էլ կամաց փաթաթում պղնձալարը։

Փաթաթեց, փաթաթե՜ց, մինչև լարը վեր ջացավ։

— Գնացինք։

— 9ա քեզ հրացա՞ն... քո էդ հրացանով...

Գիրիշ քեռին, ուրեմն, որսորդ է, որս է անում։ Ամբողջ օրը հանդերում է լինում, պիտի որ շատ բան սպանելիս լինի և պիտի որ արգելված որս անելիս լինի, և գյուղխորհրդի նախագահ Նիկոլը իրիկունները գալիս է նրա տուն, վայրի աղավնու միս ուտում, նստում ու մնում։ «Թվանքը բեր տուր իրեն», ասում է Գիրիշ քեռին կնոջը։ Գյուղխորհրդի Նիկոլը, արգելված որսի համար, հրացանն առնում տանում է, մյուս իրիկուն նորից գալիս։ Նորից աղավնի է ուտում, նորից հրացան տանում։ Հա՛, այդպես։ Գրասենյակում մի տասը հրացան է հավաքվում։ Դրանք բոլորը մի իսկական հրացան են։ Մի իսկական հրացանը ցրված է այդ տասի մեջ ու դեռ մի տասի մեջ էլ կցրվի. մեկի փողն է իսկական, երկրորդի խզակոթը, տասներորդի փակաղակը, և քսաներորդի նշահատիկը իսկական կլինի,— մնացածը Գիրիշ քեռին ուրագով֊բանով տաշումսարքում է։ Որսորդի էն կիրքը որ նա՛ ունի, թեկուզ էդ մի մասն էլ չլինի էլի՛ կսարքի,— մաս֊մաս կսարքի ու լարով կկապի, էնքան որ՝ տանը միշտ աղավնու միս լինի։ Կամ արջի։ Կամ կխտարի։

Իսկ եթե ճիշտը կուզեք իմանալ, Նիկոլը ոչ մի անգամ էլ նրա տանը աղավնու միս չի կերել։ Այդ հավի է եղել։ Կամ խոզի։ Կամ մոզու։ Եթե կուզեք իմանալ, նա ոչ մի որս էլ չի անում։ Հանդերը մարդուն ուղղակի քաշում են, և ինքը, իր և ուրիշների համար, իմաստ է դնում դրա մեջ՝ ուսովը հրացանի պես մի բան գցելով. «Որսորդ եմ, հանդերում որսի եմ։ Էս էլ հրացանս»։

— Դրանով արջ սպանե՞լ կլինի,— ասում է Գևորգը՝ դասատուն,— էդ չոմբախով։

— Քոնը կարաբին է, սպանում է, լավ հրացան է։

Որջի տեղը գիտեին, գնացին կանգնեցին գլխին։

— Սարսաղը մեջն է,— ասաց Գևորգը։ Կարծես երեկ հարբած ու գժություններ արած ընկերոջ մասին էր խոսում։

— Մեջն է՝ կսպանենք։ Թող վնաս չտար, չսպանեինք։ — Ու ծերունին տնավարի, կարծես եղբոր մոտ էր մտնում, ներս նայեց։— Հը՜-ըհը՜ ... Կարելի՞ է,— ու մտավ ներս։

Արթնացավ, իրար երեսի նայեցին, ու արջը սուսուփուս դուրս եկավ։ Ծերունին ճամփա տվեց, կողքից անցնելիս ականջին ասաց. «Գիտես, չէ՞, որ մեղավոր ես»։

Գևորգը կրակեց բավական ուշ։

Բնի մոտ նստած ծիծաղեցին արջի ետևից, ծխախոտ փաթաթեցին և հնարեցին հաշվետվությունը։ «Կրակեցինք, չկպտվ, դուք հո կրակոցր լսեցիք»։

Հետո վնասներ արջը էլի էր տալիս, և Գիրիշ քեռին ու Գևորգը գնում կրակում էին։ Մինչև որ «Լուսարձակ» թերթի թղթակիցը իմացավ, որ արջի որսն արգելվել է և կրակում են, գրեց թերթին։ Շրջկենտրոնից ի գիտություն հայտնեցին արգելքի մասին և ի միջի այլոց՝ տուգանքի չափը։

Ծիծաղը վերջացավ։

— Արջը, ախար, էդ ո՞ր օրվա անվնաս անասունն է։ Մենք կսպանենք, դուք տուգանեցեք, հլա տեսնենք էդ ո՜նց եք տուգանելու։

Շրջկենտրոնից ի գիտություն հայտնեցին, որ զգուշացումից հետո տուգանքը լինում է կրկնապատիկ։ «Զգուշացնում ենք»։

Վախեցան։

Իսկ արջը վնաս շարունակում էր տալ։ Սովխոզից մի կով սպանեց։ Հեռախոսով հանգիստ կենտրոն զեկուցեցին և առաջարկեցին լսափողը ցած չդնել. նոր զեկույցը շատ չեն ուշացնի։ Եվ մյուս օրը ներկայացրին. «Հեչ, մի երինջ մի պոզը կոտրած, իսկի տոհմային էլ չէր...»։ Շրջկենտրոնից առաջարկեցին սպանել. «Թույլատրվում է այդ արջին, լսո՞ւմ եք՝ ա՛յդ, սպանել»։։

— Արջը բնության զարդն է,— ասացին հեռախոսի Ահնիձորի ծայրից,— մենք բնության զարդ փչացնողը չենք։

Եկան իրենք սպանեցին։

Ծեբունի Գիրիշը հիմա միայն մի հրացան ունի, իսկական։ Հանդերը ձգում, տանում են ծերունուն, և, իր և ուրիշների համար իմաստ դնելով դրա մեջ, ծերունին ուսովը այդ հրացանն է գցում։ Իբր՝ արգելված որս եմ անում։ Արջի, իհարկե, հանդիպում է։ Հաճախ իրար չտեսնելու են դնում, երբեմն կանգնում իրար են նայում։ Ծերունին չի կրակում, որովհետև տուգանք կա, արջը չի հարձակվում, որովհետև հրացանն իսկական է։ Այդքան։ Իսկ աչքով անել՝ էլ չի պատահում, որ իրար աչքով անեն։


Հետո անտառն սկսեցին կտրել

Սկսվեց նրանից, որ ճրագթաթն անտառ էր։

Գարունը գալիս է ներքևից, անտառը շագանակագույն դարձնելով բարձրանում է վեր։ Մութ-շագանակագույնին հետևում է բացը, ապա ներքևում ինչ-որ տեղ բացվում ու հանգիստ ծավալվում է դեպի վեր՝ կանաչը։ Ձմեռը գնում-կանգնում է Զարդաքար սարի կատարին. թագի պես բոլորված ամպի տակ միայն մատանու ակի չափ ձյուն է մնում՝ առնված ջերմ գարնան մեջ։ Տերևը դեպի Զարդաքար գնում է կկվի կանչերով։ Կկուն հայտնում է ամեն մի ծառի կանաչելը և ամեն մի բողբոջի ճմլկոտելը արթնանալիս։ Անտառը շատ է մեծ, և դուրս է գալիս, որ կկուն է շատ խոսում։ Գետի զահլան գնում է.— Լշշեցինք, հիշշում ենք, նոր աշշացիր... Վա՜հ... այշպեշ էլ շատախխոշշշ...— Ուրեմն գետը խոսում է գրական հայերենով, բայց շվվոցով որովհետև ատամները թափված են։ Իսկ կկուն չի վիրավորվում, որովհետև գիտի, որ գետը ծեր է ու անքնությունից դժգոհ,— և կկուն շարունակում է իմաց տալ բողբոջների բացվելու մասին՝ մինչև անտառի վերջին ծառը։

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին մգանում է կենտ հաճարենու տերևը. մուգն սկսվում է այդտեղից, կամաց բարձրանում, հասնում Զարդաքարի լանջը։ Ու հենց մուգ կանաչ է դառնում լանջի կենտ բոխին, անլսելի ելևէջ տալով, մշուշ են դառնում, անէանում սարի գլխին ամպի տակ կուչ եկած վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ։ Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած՝ նոր ձյուն... Դա ամռան վերջը և աշնան սկիզբն է։ Անտառը կարմրում է։ Լո՜ւռ... Ինչ-որ տեղ միայն՝ զա՜նգ՛ զնգում է ժայռից քամվող աղբյուրը։

Ձորերի վրա մի այնպիսի տխուր մեղեդի է կախում անտառը...

Ահ, չեք տեսել ճրագթաթը, ձեզ ի՜նչ եմ ասում...

Հա, սկսվեց նրանից, որ ճրագթաթն անտառ էր, իսկ անտառը ձորերի վրա տխուր մեղեդի չի կախում։ Ընդհակառակը... շինափայտ ու վառելափայտ է անտառը և հարկավոր է շահագործել։ Եվ գետն ի վեր, ձորով բարձրացավ Հրաչիկ Մաթևոսյանի ճանապարհանախագծային բրիգադը։ Հրաչիկն ահնիձորցի է, ալարկոտ։ Գյուղի կարծիքով նրանից մարդ դուրս չի գա։ Այսինքն՝ ծիծաղով սկսվեց աշխույժ կյանքը Ահնիձորում։ «Հրաչիկը ճամփա է քաշում։ Ահնիձորը քաղաքի հետ պիտի կապի»։ Իսկ Հրաչիկը, ծխախոտը բերանին, իր գործին էր. սկսեց Սոթի կամրջից՝ խճուղու ծայրից, հասավ գյուղ, պլանի մեջ գցեց հոր ցանկապատը, իննսուն տարեկան Ավագ պապի հազար տարեկան բոխին, Քարկապ ժայռը։ Հո՜ւ, Քարկապը... Հրաչիկը տեղանքը թուղթ է դարձրել, Քարկապը նշանակել խաչով ու, պապիրոսր բերանին, ճամփան Քարկապից այն կողմ է անցկացնում... Հիշեցին, աշխարհ հանեցին Հրաչիկի՝ երբ դեռ գյուղից չէր հեռացել այն ժամանակվա ալարկոտ հրամանատարությունը. կկանգներ աշխատողի կողքին ու՝ «այստեղ պիտի քար լինի, այստեղ պիտի տախտակ խփվի, այստեղ դրվի ծուռ խողովակ, ուրիշ կերպ ջուրը դուրս չի բերվի», և ոտքով, ձեռքերը գրպաններում, ցույց կտար, թե ուրիշ ինչ պիտի արվի, որ գործը գլուխ բերվի... Հները հիշեցին, Քարկապն ավելացրին դրանց ու մի լավ ծիծաղեցին։ Սարերում քիրվա-թուրքերի հետ խմելիս Հրաչիկին նրանց այսպես ներկայացրին» «Թոմա Սարքիսին օղլու դուր, ինջիներ դըր»։

Հրաչիկը գնաց՝ թողնելով, որտեղ ճանապարհը շրջադարձ էր տալու, Vr70 նշանները, որտեղ քար էր՝ շրշանագիծ՝ մեջը կետ, որ նշանակում է ուժանակ, և թողնելով անեկդոտներ։

Ծիծաղը կիսատ մնաց, որովհետև դեպի ձորերը գրոհի նետվեց Երանոս Գասպարյանի՝ ճանապարհաշինարարների մոտորացված բանակը։ Որտեղ Հրաչիկը ոչինչ չէր նշանակել, բուլդոզերը լայնեց ու հարթեց, որտեղ մեջը կետով շրջանագիծ էր նշանակել կանգնեց ծակող մեքենան։ M֊K նշանը դարձավ կամրջակ, ոլորան։


Եվ ճրագթաթն սկսեցին կտրել

Տեղադրվեց ճոպանուղի, և «Սովետական Հայաստանը» տպեց հաղորդագրություն, թե ճոպանուղու տեղադրման շնորհիվ աշխատանքի արտադրողականությունը Ահնիձորի տեղամասում ավելացել է 65-75 տոկոսով։

Ճոպանուղու մոտ անտառը վերջանում էր թե չէ՝ արտադրողականությունն ընկնում էր։ Երկրորդ ճոպանը բերվեց։ Մինչև մեկի մոտ կվերջանար անտառը, կապվում էր երկրորդը, և ճոպաններն աշխատում էին անընդմեջ։

Ճոպանուղիները գցվում էին, որպեսզի արագ ցանցառանար ճրագթաթ ծմակը։

Հատողներն աշխատում են ավտոմատ սղոցներով։ Արդյունքը մեծ է։ Րոպեն մեկ շառաչելով շուռ է գալիս մի հաճարենի։ Բեռնատարները կիսատ֊պռատ ճանապարհներով երկաթուղային կայարան են իջեցնում ճրագթաթ ծմակը։

Ճրագթաթ ծմակը փայտ է եղել, հասկանում եք։ Իսկ ես կարծում էի վայրի գեղեցկության խորհրդանիշն է եղել այդ բարդված անտառը։

— Գիտես ինչ ծմակ է՜, միլիարդ է, միլիարդ,— ասում է հատող Պավլե Աբովյանը։

Ճրագթաթը միլիարդ է, հասկանո՞ւմ եք, ճրագթաթը գիշերվա կապտամշուշի մեջ լուսնալույսով երիզված, երկնքի կեսը բռնող ուրվանկար չէ, ճրագթաթը միլիարդ է։ Ճրագթաթը նկարից դարձավ միլիարդ։

— Մի Ժամանակ պահպանող հիմնարկն առանձին էր, կրտրողն առանձին։ Պահպանող հիմնարկը ջոկում էր ծերացած ծառը, կնքում էր, կտրողը՝ կտրում։ Հիմա որը հարմար ես տեսնում, շուռ տուր։ Թե պլանի տեսակետից է լավ հիմա, ախպեր քան, թե աշխատավարձի...— ասում է հատող Պավլե Աբովյանը։

Իգնատ քեռին ծմակը կտրելու մասին։ Նա, ի դեպ, իդեալիստ է, և գյուղացուն մատերիալիստ անվանելիս պետք է ծանոթագրել՝ «բացառությամբ Իգնատ Թոմայանի»։

— Արա, էդ ճանապարհաշինականի Երանոսը համա թե գրելու բան է, հա՜... Մթամ կամուրջ էր սարքել. «Էս մկան ջրվեթն ինչ է, որ վրեն լուրջ կամուրջ գցվի»։ Լավից֊վատից մի խողովակ գցեց, բուլդոզերով հող քշեց֊լցրեց վրեն, էս էլ քեզ կամուրջ։ Ձնհալին ձորերը ջրով լցվեցին, գոռգոռալով Քարկապի ջուրն եկավ, իսկի խողովակի մեջ էլ չմտավ. «էս Երանոսի ծակն ինչ է, որ մտնեմ մեջը»։ Քշեց ձորը լցրեց... Համա թե գրելու բան է, հա՜... Մի թեթև փորձել եմ, չգիտեմ ոնց է։ Լսիր հլա. «Երանոս Գասպարյանը բաներ իրար հավաքեց դեսից֊դենից, թե՝ այս էլ կամուրջ։ Գարունը եկավ իր ձնհալով...»։ «Ոզնու» հասցեն ո՞նց է։ Գրեմ ՝ «Երևան, «Ոզնու» խմբագրություն», կհասնի՞...

Իսկ անտառի մասի՞ն։

— Անտառի՞ մասին։ Ամեն կողմից էլ լավ է, համա կաղնին պրծնում է, թե գեղն ես գալու ասա, պատրաստությունս տեսնմ, քանի կաղնին չի պրծել՝ շինանյութ հավաքեմ, մի օթախ շինեմ որ...

Քառանց Պուճուր ապին ծմակը կտրելու մասին։ Նա իննսունվեց տարեկան է։ Մեղու է պահում և արևկող անում։ Ակնոց դնում է մեղվին նայելիս։ («Ախչի, ախչի, չեչմակնին բի»)։ Դիմացը, ճրագթաթ ծմակում, բաներ են կատարվում։ Աչքերը՝ զորեղ չեն, չի տեսնում։

— Ախչի, ախչի, չեչմակնին բի։

Ակնոցը չի օգնում ճրագթաթում կատարվողը տեսնել, ինչպես չի օգնում փեթակները նայելիս և զննում է ականջով։

— Ի՜նչ են անում, է՜...— և բերանը բաց ունկնդրում է։ Ընկնող ծառերի հառաչանքը կուլ է տալիս անտառը։ Շինվող ճանապարհի վրա ուժանակը պայթում է այնպիսի խոր լռության մեջ, որ այգիներում կաթում է հասած միրգը։— Ի՜նչ են անում, է՜... Լազաթ է, լազաթ...

Յուրիկ Աբովյանը ծմակը կտրելու մասին։ Նա կաթի հաշվառիչ է և գյուղի մատենագիրը։ Ժողովներում ջախջախում է ամեն գույնի լիբերալիզմ, տանը, հոր ինը երեխայի աղմուկի մեջ, ամփոփում կաթի ընթացիկ հաշիվները, ռեգրեսի դեպքում որոնում պատճառները և կանգնում խեղճ մանր֊մասնավորի գլխին, այդ մասին (փաստերո՛վ, ռեա՛լ) գրում է շրջանային թերթին։ Պրոգրեսի դեպքում էլ Յուրիկը որոնում է, թե ինչն է է՛լ ավելի արագ աճին խանգարողը և նորից կանգնում մանր-մասնավորի խեղճ գլխին։ Հետո, երբ քնած են լինում ինը երեխաները, լռության մեջ մատենագրում է գյուղի պատմությունը՝ «Մեր գյուղը անցյալում և հիմա» խորագրով։

Յուրիկ Աբովյանը այսպես է վերջացնելու մատենագրությունը. «Կեցցե Ազատարար՜ Նոյեմբերի Քսանինը, որ աշխատավորին տվեց հաց, լուսավոր կյանք, ճրագթաթին՝ գեղեցկություն»։

Պավլե Աբովյանր ծմակը կտրելու մասին։ «Երկուսդ եք, դու և քո «Դրուժբա» սղոցը՝ մեկ, անտառն ու կտրվող ծառը՝ երկու. կտրել պրծել ես, էլ ոչ մի ջլով կպած չի բնին, բայց չի ընկնում, մոտորդ հանգցնում ես՝ ոչ մի ձայն չկա, անտառը լո՜ւռ սպասում է, իսկ ծառը չի՛ ընկնում, ասես մտածում է։ Նայում ես կատարին, վերև, է՜, շատ վերև, երկնքո՛ւմ, տեսնում ես կամա՜ց թեքվում է, տեսնում ես ճղներն իրեն է քաշում՝ ճը՛կ՝ պոկում է ուրիշ ճղների միջից, հետո էլի՝ սո՜ւս, ձայն չկա։ Անտառը շունչը պահել է... Մեկ էլ շրախ֊շրախ-շրախ... շրա՜խկ... Ու լռություն։ Այնպիսի լռություն, ասես արջ է պահ մտել»։

Հետո խոսում է իր տասնչորս և տասներկու տարեկան աղջիկներից.

— Զինան աշխա՛տող է, անցած տասնհինգօրյակում երեք հարյուր ութսուն ռուբլի տուն բերեց, էն ինչ փոքրն է, Վալյան, փա՜հ, ալարկո՜տ... Երկու օր գնաց խոտհավաքի, էլ չգնաց, ասում է՝ պապա, մեջքս ցավում է։ Այ մեռնես ոչ դու, էդ ի՞նչ արիր, որ մեջքդ ցավում է, բալիկ ջան... էնա ասա ալարում եմ, էլի, հո դրա համար քեզ կախեցին ոչ...

Ահնիձորը գործի մարդ է։

Իսկ Երևանում, հիշում եմ, Տերյանի ու Լենինի խաչմերուկում, կերպարվեստի սալոնի մոտ, ավտոկռանը կպավ գցեց մի ակացու։ Մարդիկ հավաքվեցին ընկածի շուրջը։ Վարորդը շփոթվել էր։ Վարորդը նաև վախենում էր, — մարդիկ այնպես էին իրեն նայում, կարծես երեխա էր տակը գցել,— գազ տվեց, փախավ։ Համարը չվերցրին երևի միայն այն պատճառով, որ սովոր չեն ավտոկռանի համար վերցնելուն։ Հետո մարդիկ մեկ֊մեկ ցրվեցին։ Մինչև երեկո ընկած էր։ Հետո կանգնեց՝ հենակը թևի տակ և երեր։

Ահնիձորը աշխատանքի համար մի քիչ շատ է իրար անցել։


Ճանապարհը։ Պոստում

Գրասենյակում կամաց ու կիսախոսքով, կարծես գողերը գրասեղանի տակ էին, տեղամասի վարիչը, ֆերմայի վարիչը բրիգադիրն ու վարորդը իրար հայտնեցին, թե անտառտնտեսության մեքենա է ձորով բարձրացել՝ սովխոզի հանդից խոտ փախցնելու, և մի րոպե հետո սովխոզի մեքենան, դռդռոցով ու լույսերը ճոճելով ճրագթաթ ծմակի վրա, իրեն գցեց մայրուղի։ Գնում է գողերին բռնելու։ Գողությունն էլ այսպես է. անտառտնտեսության աշխատողները սովխոզի խոտհարքը թաքուն հնձել են, և սովխոզի վարչությունը որոշել է սովխոզի դեզի մեջ հավաքել այդ անօրինական խոտերը, և վաղը որոշումն իրագործելու է։ Խոտատերը՝ վարորդներ, անտառահատներ և այլն, իմացել են այդ մասին ու խոտերը փախցնում են։

Ոչի՜նչ, հիմա կբռնվեն. խցիկում գյուղխորհրդի Արշակ Հակոբյանն է, թափքում՝ Սանասարը, Գուրգենը, Թափտըղը...

Ճանապարհը՝ դեպի Զարդաքար բարձրացողն է. նոր է բացվել, տարի֊տարիուկիսվա պատմություն ունի, և հասկանալի է՝ մեքենա ձորով մինչև այդ չի անցել։ Նույնիսկ ահնիձորցիների մտքում։

Ասում էին Ահնիձորի ձորով դեպի Աղստեֆ երկաթուղու նախագիծ է եղել։ Բայց չէին պատկերացնում. գետնիվեր կածանի անհեթեթությունը թույլ չէր տալիս. քարկապներում չռված ձի էր երևում շոգեքարշի փոխարեն։ Որպեսզի Ահնիձորի երևակայությունը կուչ չգար, հարկավոր էր այս ճանապարհը։

Քշի՛ր...

Մի տեղ, ճանապարհի կեսերին, պիտի ծռվեին, նայեին խոտհարքներից մեկը տանող սայլուղին։ Գուցե այդտեղ էլ բռնեին և այդտեղից էլ ետ դառնային։

— Քշի՜ր,— ասաց Գուրգենը։— Քշիր, ես գիտեմ, այդ ճամփի վրա հնձած խոտ չկա։

Հակընթաց քամի, լույսի տակ ետ փախչող զմրուխտ-կանաչ խոտ, լույսի տակ խորհրդավոր ձևեր ընդունող թփեր, ժայռեր և ճանապարհ, ճանապա՛րհ։

Մայրուղին երակներ ունի։ Ճամփաբաժանում Ռոդիկը կանգնեց. «Չթեքվե՞մ»։

Մայրուղով գնալու են ու գնալու։ Մնում են երակները...

— Թեքվիր։

Բայց այնտեղ դժվար թե խոտ... Այնտեղ բոլորովին խոտ չկա։ Հաստատ չկա։

— Այնտեղ խոտ չկա,— ասաց Սանասարը՝ տեղամասի կառավարիչը։

— Հա՞։ Չկա՞։ Դե եթե չկա՝ ինչո՞ւ թեքվես, — ասաց գյուղխորհրդի Արշակը։

Իսկ Թափտըղը ցատկեց թափքից և ջոկվող ճանապարհի՝ վրա գտավ նոր անցած մեքենայի հետք։ Վարորդն ասաց, որ ԶԻՍ—150֊ի հետք է, իսկ Գուրգենը տեղեկացրեց, որ հենց ԶԻՍ—150֊ով են գնացել խոտի։

— Թեքվիր։

Դե, այնտեղ մի ծեղ խոտ էլ չկար և ոչ մի մեքենա էլ չէր գնացել դենը։ Ուղղակի՝ լավ է, որ մեքենան կեռման է տալիս, դուրս գալիս դարի գլուխը, հասնում ջոկվող ճանապարհի վերջը և ետ գալիս։

— Տեսնենք ե՞տ են գնացել,— երբ նորից մայրուղի էին մտել, ասաց Սանասարը։

— Այդ ե՞րբ հասցրին ետ գնալ,— ասաց Գուրգենը։

«Այդ երբ հասցրին ետ գնալ», այսինքն դեռ ճանապարհը չի վերջացել, դեռ քշելու տեղ ունեն։ Իսկ քշելու տեղը մի քիչ վերև էր։ Միահամուռ կարծում էին, որ խոտն այնտեղից պետք է տանելիս լինեն։

— Իջնենք։

Բայց Ռոդիկը կանխեց.

— Կացեք, լույսերս գցեմ։

Ախ, լույսե՜րը...

Եվ ամեն մի ջոկվող արահետի վրա կանգնեցնել տվին մեքենան, լույսերը վառեցին, նրանց տակ ստուգեցին՝ ԶԻՍ—150 չի՞ անցել։

— Էլ կասկածելի տեղ չկա, ետ դառնանք,— ասաց Սանասարը։

— Շուռ գալու տեղ չկա,— ասաց Ռոդիկը։

— Չկա՝ շարունակիր,— ասաց Գուրգենը։

— Մինչև վե՜րջ,— Հաճույքով արձագանքեց Թափտըղը։

— Էս գրողի տարածը, կարգին ճամփա ենք ունեցել,— խցիկում խլրտաց Արշակ Հակոբյանը։

Ծայրը Արտուշ պապի քողտիկի մոտ է։ Կամ քողտիկն է ճանապարհի ծայրին, մեկ է. միասին են սկսել բարձրանալ ձորնիվեր և միասին են տեղ հասել։ Այնտեղ ճանապարհը պատվո շրջան է գծում, իսկ քողտիկը կանգնած է հովանոցը վեր։

Գուրգենը հաճույքով գյուտ արավ, որ կարելի է դատարկ ետ չգնալ տախտակ բարձել տանել։ Սանասարը դեմ չէր։ Թափտըգը համաձայն էր, գյուղսովետի Արշակը՝ «Հա, մի տասնհինգ հատ տանենք», Ռոդիկը՝ «Պաժա՜լուստա ...»։

Տախտակը բերելը, րարձելը, տանել թափելը այնքան որոշակի էին զգում, որ արդեն ալարում էին, և մտածեցին հարցնել Արտուշ պապին։

— Արտուշ պապի՜...

Ուրեմն մութ, ահավոր գիշեր է, ձորի վշշոց, որ լռության մի մասն է, գիշատվող թռչունի ճիչ ու լարված սպասում, թե բվեճը հիմա նոր թռչուն կծվատի։

— Արտուշ պապի, այ Արտուշ պապի՜...

— Մովրո՜... Մովրովո՜...— ցուրտ ձայնով դիմացի մթնից խռնչում է բուն։ Նա ցերեկն էլ է կանչում, բայց շուրջը պայծառ լույս-արև է լինում, և մարդ տխուր երանգներ է գտնում այդ կանչի մեջ, մարդ ուզում է հեքիաթ հնարի այդ թռչունի մասին, թե՝ գուլպայի մի հատը կորցրել է, ձմեռ է գալու, և խեղճ Մովրոն վախենում է ցրտից.— Մովրո՜... գուլպա չունեմ... վայ-վա՜յ...

Գիշերվա կանչի մեջ գուժող մի բան կա։

— Արտուշ պապի՜...

Քողտիկը դիմացի մթի մեջ ինչ֊որ տեղ է։

— Հե՜յ...— մթան միջից սկսվում է և մթան պես քսվում է դեմքներին Արտուշ պապի ձայնը։

— Բա՛րև, Արտուշ պապի՜։

— Մովրովո՜...

Դուք, իհարկե, չեք պատկերացնում ձորի ահավորությունը։ Գոնե ընդունեիք, որ պապի համար մենակության մեջ, թեկուզև ամենալուսավոր հովտում, միակ ցանկալին մարդկային ձայնն է։ Հոգեբանորեն այդպես պետք է լիներ։ Այդ մարդիկ նրա համար առանձնապես ոչինչ չեն արել, բայց շուրջը զարզանդ մութ է, և պետք է որ այդ մարդկանց, հենց միայն մարդկային հնչյունի համար, մեծ ուրախությամբ ընդուներ։

— Ո՞նց ես, Արտուշ պապի...

Պատասխանը մի քիչ ուշացավ.

— Տախտակ չկա, տախտակ...

— Այտա, տախտակ չեմ ասում, է, ասում եմ ո՞նց ես ո՞նց...

— Հա, դե սաղ ըլիս...

— Իմացար ով է, Արտուշ պապի՜...

— Գուրգենն է, իմացա... Գուրգեն ջան, իմ արևը քու արևը,, տախտակ չկա...

Հետո մեքենայի միջից հարց՝ թե ճաշ բերե՞լ են այսօր և դիմացի մթնից պատասխան՝ որ հաց բերել են, բայց տախտակ չկա, հետո հարց՝ թե հիմա ո՞նց է, լսել են, որ մի թեթև հիվանդացել էր և պատասխան՝ որ բժշկուհին դեղ է ուղարկել, խմել է, լավ է, բայց տախտակ չկա, հետո՝ սովխոզի ղեկավարությունը լսել է, որ կողմնակի անտառտնտեսության ծառայող Արտուշ Թաթոյանը հնձել ու հավաքել է սովխոզի խոտհարքից, անձնական օգտագործման համար, դրա՞ն ինչ կասեր։

— Հնձել է, ճիշտ է։

— Իրավո՞ւնք ունենք տանենք։

— Իրավունքը ձերն է, եկեք տարեք, բայց տախտակ չկա, իմ արևը ձեր արևը։

Տախտակ շատ կար, եթե թողներ՝ ալարելով, բայց գոնե մի քանի հատ կտանեին։ Չէր տալիս, ու թվում էր, եթե թողնի անտառը կբարձեն-կտանեն, այնպես եռանդով էին բացատրում, պահանջում, խնդրում։ Վերջացավ այսպես.

Չէինք ուզում անհանգստացնել, բայց որ դեմ առար՝ կասենք. մարդ է մեռել, տախտակ չկա, հիմա դու գիտես...

— Չկա, հայ աստծու, կա ոչ։

— Այտա, մարդ է մեռել, էդ ոնց է քո բանը...— կարծեցին չի լսել։

— Լավ չի արել, որ մեռել է, օգոստոսը մեռնելու ամիս չի...

Ետ դարձան ծիծաղելով ու զարմացած, բանակցության մանրամասները հիշելով ու զարմանալով, հայհոյել փորձելով, բայց զարմանալով, կարտոլի հին պահակ Ադամին հիշելով ու շատ զարմանալով։ Հետո՝ նորից ճանապարհ, և մեքենա ունենալու գիտակցությունը։

— Ռոդիկ, Ռոդիկ, լույսդ ջրին գցիր, մի խմենք, է... «Լավ չի արել, որ մեռել է, բայց տախտակ չկա...»։

Ես խնդրում եմ հավատաք, որ Արտուշ պապն ու Ադամ քեռին մեկ և նույն մարդն են։ Ճիշտ է, նա Ղանիելյան Ադամ է, սա Թաթոյան Արտուշ, բայց նույն մարդն են։


Կապույտ աստղերով սպիտակ ձին

Կապույտ աստղերով սպիտակ ձիու, և առհասարակ Իգնատի տնտեսության պատմությունն սկավում է 1953 թ. օգոստոսյան պլենումով. թույլատրվեց պահել երկու կով, մի քանի խոզ, մի երկու ոչխար։ Նաև ձի։ Թույլատրվեց՝ նշանակում է ձեռք բերվեց երկու կով և սպասում՝ չե՞ն թույլատրի երեքը, նաև չորսը, հին երկու ոչխարը գառներ տվեցին, գառները ոչխարներ դարձան, և ոչխարների թիվը ձգտեց հասնել տասի։ Թույլատրվեց՝ նշանակում է դռանը ղռղռաց մի բոլուկ խոզ։ Ձի նույնպես ունեցավ։ Կարգին տնտեսություն։ Ձին որ՝ հիանալի ապրանք էր։ Եվ առհասարակ ձին հիանալի ապրանք է, թեկուզ ամենաքոսոտը լինի։

Հետո շրջկենտրոնում հարմար գտան, որ Աթան և Ահնիձոր գյուղերը միացվեն Ստեփան Շահումյանի անվան մեկ սովխոզի մեջ։ Գյուղում իմացան այդ մասին։

Սովխո՞զն է լավ թե կոլխոզը։ Չէ, գիտենք, որ երկուսն էլ լավ են, բայց դրանցից ո՞րն է լավ։ Այնտեղ, Արարատյան ղաշտում, մի սովխոզ կա, շատ լավ են ապրում։ Ապա հայտնաբերեցին, որ այնտեղ, Արարատյան դաշտում, լավ ապրող մի կոլխոզ էլ կա։ Դե այնտեղ, Արարատյան դաշտում, բոլորն էլ լավ են ապրում, ամեն տուն սեփական մեքենա ունի։ Հը՞, սովխո՞զն է լավ, թե կոլխոզը։

Մի երկու տարի հարցուփորձ էին անում, դատում, վճռում, վճռածը դեն նետում, նորից դատում և՝

— Սովխո՞զն է լավ, թե կոլխոզը։

Շրջկենտրոնից եկան հասարակական ժողովի՝ սովխոզացման օրակարգով։ «Չգիտենք, մեկ է, ուզում է սովխոզ լինի, ուզում է կոլխոզ։ Ինչ ուզում եք արեք, մեկ է, մեկ, մեզ համար մեկ է»։

— Մե՞կ է։ Ո՞վ է համաձայն։ Համաձա՛յն։ Չկա՞։ Դե՞մ։ Չկա՛։ Ձեռնպա՞հ։ Բոլո՞րդ եք ձեռնպահ։

— Չէ, դե ձեռնպահ չենք, ուղղակի... հա֊հա֊հա...

Ստեղծվեց սովխոզ։ Թույլատրվում է երեք ոչխար, մի կով։ Մնացածը՝ դալոյ... Հա՞վն էլ։ Հա՞վը. մի՛ կատակեք։ Իսկ ձի՞ն։ Ձին լուրջ էր։ Թողեցին դիրեկտորի հայեցողությանը։ Իսկ դիրեկտորը հայեցողություն չուներ, գցեց սովխոզների վարչության վրա։ Այնտեղ մի՛շտ և անպայման ունեն հայեցողություն. Կտրե՛լ։

«Կտրել» — մի տեսակ՝ կտրել ամեն օր հինգ-վեց կիլոմետր ճամփա՝ աշխատանքի և իրիկունները ոտքերը քարշ տալ նույն հինգ-վեց կիլոմետրը։ «Կտրել» — շատ է անլուրջ։ Լո՛ւրջ — ձի՞ն։ Ձի՞ն... ախ, գրողը տանի ձիուն. մասնավորն ընդհանրապես կապիտալիզմ է ծնում... ձի՞ն... չգիտե՛նք։ Թողեցին դիրեկցիային։ Սա թույլատրեց, պայմանով՝ պետք է արոտավճար տալ — ամիսը հարյուր ռուբլի։ Ամեն տուն մի ձի ուներ, ծախեց, մթերեց։ էժա՛ն, դեն ածին։

Իգնատը կապույտ աստղիկներով սպիտակ զամբիկը տարավ Քարինջ։ Այո՜, հենց նույն Քարինջը, որ գիտեք Սարյանի նկարից՝ «Քարինջը Թումանյանի լեռներում»։ Տվեց երկու ոչխարի։ Ձիուն շոյելով գնաց, ոչխարներին հայհոյելով եկավ։ Մտահոգ գնաց, լաց լինելով եկավ՝ բոլորովին չմտածելով, որ լացում է ոչ տիպական, ուշացած լացով։

Մի գիշեր, այդ ամիսուկես անց էր, կապույտ աստղիկներով զամբիկը դուրսը զգույշ խրխնջաց, կամաց դոփեց գետինը՝ իմաց տալով, որ ինքը եկել է։ Իգնատը դուրս եկավ։ Փաթաթվեց պարանոցին։— Խա՜լլռւ ջան...— Քարաղ դրեց առաջը, զըն-նեց մեջքը։ Տրորվածք կար։ — Խա՜լլու ջան... էն էշը ձի պահելն ինչ գիտի... էլ չես գնա, Խա՜լլու ջան...— Ու սպիտակեղենով, մրսելով, մոլորված կանգնեց ձիու կողքին։

Ձին ծնելու էր, ցավի վրա էր փախել։ Ցերեկը բարձրացավ սարերը, որտեղ մանր խրխինջով տրտինգ էր տվել որպես քուռակ, որտեղ բեղմնավորվել էր։ Մի օր անց՝ ծնեց մի սիրուն քուռակ, ճակատն սպիտակ, ոտքերից մեկն սպիտակ, խուլուշխուլուշ ականջներով և զվարթ խրխինջով, ասես... արծաթե մանրադրամ էր թափում։

Իգնատը գյուղամիջից հեռախոսով քարնջեցուն հայտնեց, որ ձին սարերում է, էլ չի տա, թող գա ոչխարները տանի։ Քարնջեցին պատասխանեց բավական հին և բավական գռեհիկ խոսքով.

— Կնիկս կտամ, ձին չեմ տա։

Եվ խոսքի տերն էր։ Եկավ տարավ։ Ինչքան խնդրեց, չզիջց։

— Խաթրդ շատ է, բայց ձին չեմ տա։

Ձին չէր գնում, ետ-ետ էր նայում, խրխնջում։ Իգնատը նորից լցվեց։

Հետո Իգնատը ոչխարներից մեկը տվեց մի էշ առավ, սովորական մի էշ, երկար ականջներով ու երկար զռռոցով, որ դմբդմբում է կանոնավոր հաճախականությամբ։ Բայց տեսեք, թե ինչ ավանակային վիճակի մեջ էր ընկել խեղճ էշը. երկար ականջների համար՝ ծեծ, զռռոցների ժամանակ բերանը փակելու փորձ և ծեծ՝ զռռոցի համար առանձին, ձախողման համար առանձին։ Քարի գլխին ծեծ անզգույշ գնալու համար, ծեծից ձորը գլորվել ձորում ծեծ՝ գլորվելու համար, ծեծ նրա համար, որ գլորվելուց կաղին է տալիս։

Եվ ծեծ, երբ տերը հիշում էր, որ կապույտ աստղիկներով սպիտակ ձին ետ նայելով, դեպի սարերը խրխնջալով գնաց։

Հետո հաշտվեց.

— Վատ էշ չի, սարից խոտը բարձեմ, մի անգամ թոշ ասեմ, մեկ էլ դռանը կկանգնի... Լավ էշ է... էշը լավ ապրանք է...


Խոտհունձ

Այդ ճիշտ է, որ գերանդին զնգում է խոտհարքի մեջ, լեռների ուսից արևը շողեր է նետում խոտհարքներին, պողպատե գերանդին շողերը ետ է նետում և թվում է, թե գերանդին կպավ շողերին զնգոցը դրանից ելավ։ Հետո գերանդիի և արևի խաղ է լինում մինչև արևամուտ։ Եվ ճիշտ է, որ արևամուտը գեղեցիկ է։

Այդ ճիշտ է, որ շոգ կեսօրին հնձվորի մտքով «Հով արեք, սարեր շան, հո՜վ արեք» է անցնում, եթերի ցածում լողացող ամպերը խոտհարքների վրայով քարշ են տալիս ստվերները և քարշ եկող ստվերի հետ թափառում է զովը, և ամեն հանդում մի զանգակ աղբյուր կա՝ հնձվորի սիրտը հովացնում է։

Այդ ճիշտ է, որ առավոտները փչում է հովիկը, իրիկունները՝ զեփյուռը, և խոտհարքները զմրուխտի են, և ծծուկ կոչվող ծաղիկը նեկտարահոտ է բուրում քուլաներով, որոնք քշվում են քամուց և մի հեռու, շատ հեռու տեղ, ուր նեկտարածաղկի նմուշ անգամ չկա, քիմքիդ է խփվում նեկտարահոտը. խոտհարքների վրայով քուլաները թափառում են՝ ինչպես ամպերը անտառի վրայով։

Այդ ճիշտ է, որ խոտհարքներն անսահման են և հովն այդպես էլ ծայրը չի գտնում, մոլորված մնում է նրանց մեջ։

Եվ ճիշտ է, որ այդ բոլորի՝ և՛ զմրուխտ խոտհարքների, և՛ զանգակ աղբյուրների, և՛ հովի ու զովի, և՛ ներքևի կուտապ-կուտապ անտառների, և եթերում հանգիստ նավող ամպերի, այդ ամբողջ անսահմանության տերը ազատագրված մարդն է, ազատագրված և՛ սեփական բռնադատիչներից (սեփականը չակերտներում) և՛ թուրք ոչնչացնողներից ու ցարական ոսկեկոճակ ասիմիլատորներից։

Այդ բոլորը ճիշտ է։

Բայց, տեր աստված, այնպես ծանր, այնպես ջարդող աշխատանք է խոտհունձը, որ այդ անսահմանությանը նայելիս ալարդ գալիս է։ Ախար այդ անծայրության կեսը խոտհարք է և պիտի կտրես քիլ առ քիլ։ Ախար հնձից հետո ցավով մկաններիդ տեղն ես սովորում քո մարմնի վրա։

Ութին, ութ անց կիսին լինում ես խոտհարքու ։ Բայց՝ արդեն հոգնած, որովհետև ոտքի վրա ես հնգից. այստեղ-այնտեղ խոտ ես պոկել կովիդ համար՝ ուղեղիդ մի անկյունում հազիվ զգալով ցայգալուսի խորհրդավորությունը։ Ո՜նց է ջլատում այդ խորոմ֊խորոմ «հունձը»։

Լա՜վ է սովխոզի խոտհարքում. միասին եք։ Մեկի մոտ լայն ծորեր, մյուսի մոտ մի քիչ նեղ, մեկի մոտ գերանդին կտրիճավարի խաղացնելու փորձ և հրաժարումն, մյուսի մոտ՝ կախղլուխ է ոչնչի չնայելով պտտել։ Նաեւ երգի մի տող արտաբերված մի հայտնի կատարողի նմանությամբ կամ՝ ինքնուրույն և շնորհքով։ Դա երիտասարդությունն է, շատ որ չլինի՝ հրեն Պուլուզը Թիֆլիս մի վրացի է տեսել, կարող է ուրիշ տեղից էր եկել, բայց ազնիվ խոսք, Պուլուզը տեսել է,— կհիշեն ու կծիծաղեն, կամ արտասանել կտան նրան իմացած միակ ոտանավորը։

</poem> Իմ լավ տատիկ, քաղցր տատիկ, Ես քեզ կարոտել եմ անչափ, անսահման, Ինչ կլինի, որ գիրս կարդաս, Վեր կենաս գաս Ըրեվան... </poem>

Սրանով, իհարկե, ոտանավորը չի վերջանում, քանի որ կա Պուլուզի ավելացրածը.

— Ամիոնա՜... Կռո՜ւ-հո՛մ։ Շա՛֊հռո՜մ մա՛րշ։ Ռա՛զ, դվա՛, ռա՛զ, դվա՜... Վի՜շի նոգի՛... Ֆո՛ւ, յոլկի պալկի... վի՛շի, վի՛շի... այսքանն էլ բանակից է բերել Սպանդար Անտոնյանը։ Ասել կտան ու լո՜ւրջ կլսեն։ Ապա «գերազանց» կնշանակեն ու կծիծաղեն։

Այսինքն շատ էլ որ չլինի. անհոգությամբ մի կողմ կթողնեն միակ կովի հոգսը։ Լա՜վ է սովխոզի խոտհարքում։ Միասին ծիծաղում են։

Հետո՝ բանթող֊մայրամուտ՝ և առավոտվա վազվզոցը։ Մի խորորոմ խոտ, մի խորոմացվի տեղ... մի լա՛ս էլ, մի լա՛ս էլ՝ քանի դեռ աչքդ տեսնում է։ Եվ նոր միայն դեպի տուն։ Այնպես ջարդված ես լինում, որ ավելորդ են լինում սապոգները, ավելորդ են լինում ոտքերը և այն բոլորը ինչն զգում է հոգնությունը։

Ուզածդ տանը ռադիոընդունիչ կա։ Հաղորդավար աղջիկը գյուղատնտեսության սիրելի աշխատողներին համերգ է խոստահում, և քիչ անց Երևանը ձգում է հորովել։ Եվ այնտեղ, միկրոֆոնի մոտ, գոհ են. պատկերացնում են, որ գյուղատնտեսության սիրելի աշխատողի տանը մեղմ երգում է ռադիոն, տան տղամարդը՝ թիկն տված, հանգստանալով, լսում է երգը, իսկ կինը սավաններ է արդուկում ու կամաց ձայնակցում ռադիոյին։

— Անջատիր։

Իսկ մկանները ցավում են։ Լամպի սովորական պայծառությունը ջղայնացնող է։ Կիսախավար է պետք և տղամարդու թավիշ ձայնով երգ՝ առանց նվագի, խառնվեն իրար, լողան առաստաղի տակ, կնոջ ձեռքի պես փաղաքշեն դեմքդ։ Ցածրաձայն երգ է պետք։

— Միացրու։

Այնտեղ, հյուսիսային լայնության այսինչ զուգահեռականների տակ, քաղաքը ծափահարում է. քաղաքը հայտնաբերել է Վան Կլիբեռն, քաղաքը գտնում է, որ նա աշխարհի միլիոն դաշնակահարների մեջ բոլորից տարբեր ու բոլորից նրբամտորեն է մեկնաբանում այսինչ երկը։ Եվ երկրագնդի այսինչ լայնության ինչ֊որ զուգահեռականի տակ քաղաքը որսում է նյուանսներ ու ծափահարում է, ինչպե՜ս է ծափահարում։

— Անջատիր։

Ամենալավը քունն է։ Եվ քունը այստեղ որոշակի կշիռ ունի։ Գրասենյակում վաղվա առաջադրանքները մի քիչ ձգձգեցին կամ ուզեցիր լսել կարևոր մի խոսակցություն, բայց անկարևոր բան դուրս եկավ, «հիմա մի փութ քնած կլինեի», ասում ես։ Եվ ոչ ոք չի ծիծաղում։ Այդ ոչ թե նրանից, որ Ահնիձորը դադարել է ծիծաղել մաշված սրամտություններից, այլ որ բոլորն էլ հոգնած են և բոլորն էլ «մի փութ քնած կլինեին»։ Կստացվեր՝ հնձվորը, հավաքողը, դիզողը միասին վերցրած՝ այդքան փութ քուն։

Բաց նամակ

Ալավերդու շրջանի Աթանի-Ահնիձորի Ստ. Շահումյանի անվան սովխոզի դիրեկտոր ընկ. Գ. Եղիկյանին, Սովխոզների վարչությանը, Ալավերդու շրշանի ղեկավարներին, բայց ամենից շատ՝ Ստ. Շահումյանի անվան սովխոզի դիրեկտոր ընկ. Գ. Եղիկյանին։

Դուք բյուրոկրատ չեք իհարկե, տեսել եք, համաձայն եք, որ սապոգներն ավելորդ են լինում հնձից հետո։ Համաձայն եք նաե, որ ավելորդ չպետք է լինեն, և աշխատանքը, թեկուզ և ամենածանրը, պետք է երգ լինի, թեթև լինի ինչպես խոտհունձ վերարտադրող սյուիտում։ Դուք գիտեք նաև, որ այդպես կլինի միմիայն սյուիտում, որովհետև իրականությունը սյուիտ չէ։ Բայց, ախար, պե՞տք է գոնե այնպես լինի, որ սյուիտի տարրերը իրականության մեջ լինեն։ Ախար այդպես դարձնելու հնարավորությունը դուք լրիվ ունեք, ընկեր Եղիկյան։ Ախար դրա համար չնչին բան է պահանջվում, ընկեր Եղիկյան։ Ասեմ թե իհչ։

Թույլ տաք, որ մարդիկ ձի ունենան, աշխատանքի ձիով գնան-գան, քանի որ «Վոլգա» կամ տրամվայ չունեք։ Եթե ձիուց, որպես կապիտալիզմ ծնողից, շատ եք վախենում, անցկացրեք ուրեմն տրամվայի գծեր՝ գյուղից դեպի բոլոր հանդերը։

Թույլ տաք, որ մարդիկ, ձեր սովխողի մարդիկ, ունենան տասական ոչխար։ Ես սա ասում եմ առանց չար դիտավորության, ասում եմ զուտ նրա համար, որ մածունը լավ ուտելիք է և հնձվորին, ձեր խոտհարքը հնձողին, վնաս չէր տա։ Եվ, ազնիվ խոսք, ձեզ էլ վնաս չէր տա։ Կով, ձա՜ռք աստծո, թույլատրում եք. թույլատրեք նաև խոտ՝ այդ կովի համար. թույլատրեք ոչ թե իրիկուն-առավոտ, խորոմ-խորոմ և ջլատելով հնձվորին, սեզոնում երեք֊չորս օր։ Այդպես՝ պետականորեն մտածող մարդուդ համար էլ լավ կլիներ, մասնավոր կովի մզզոցով դես-դեն ընկնող բանվորի համար էլ։ Գիտե՜ք ինչ հանգստություն էր աշխատավորի հոգուն այս ձմեռ դռներին այնպես ծանր֊ծանր նստած խոտի դեզերը։ Եվ գիտե՞ք այդ հանգստությունն ինչքան մեծ կլիներ, եթե անհանգիստ դես֊դեն ընկնելով չէին հավաքած եղել այդ դեզերը։ Հետո՝

Դուք իսկի չե՞ք մտածել, որ ձեր անտառները ուղղակի խոզաբուծարան են, և խոզ պահելը ո՛չ ձեզանից, ո՛չ բանվորից ոչինչ կխլեր։ Ինչո՞վ վատ կլիներ, ասացեք խնդրեմ, եթե անտառի մարդիկ ձմեռը ուտեին խոզ անտառի բարիքը։ Փորձեք ինքներդ էլ, խանձած խոզը գինու հետ՝ լավ է, և այնքան գոհ ես լինում աշխարհից. ուրեմն այդ խոզը քեզ վրա նստած է լինում կոպեկներ և մի ամբողջ ձմեռվա կուշտ կյանք է տալիս։ Թույլատրեք պահել խոզ։

Այսքան։

Շատ չեղավ, չէ՞։ Ձի, խոզ, ոչխար։ Եթե հաշվի առնենք, որր դուք ապրում եք անասնակերի անսպառ ծովի մեջ, շատ չեղավ։ Դուք հնձում եք խոտհարքների երեք մասի մե՞կ մասը։ Թե՞ ավելի քիչ։ Իսկ մնացա՞ծը։ Մնացածը ոտքի վրա փտում-կորչում է. Թողեք հնձեն։ Սովխոզը դրանից ինչո՞ւ պիտի տուժեր։ Դուք ապրում եք աճարկուտում։ Եվ աճարկուտը կա իր համար առանձին, դուք ձեզ համար առանձին։ Ինչո՞ւ չպիտի աճարկուտը ծաղկի, բերք տա ձեզ համար։

Հետո, տնամերձ հողերը վերցրել քչացնում եք։ Ախար շատն են քչացնում, ընկեր Եղիկյան, դուք քիչը ո՞նց եք քչացնում, ո՞ր խղճով։ Ապա մի տեսեք այդ «շատով» այնքան կարտոֆիլ տալի՞ս է, որ մի ձմեռ մի ընտանիքի բավարարի։ Եղա՞վ այդպես։ Եթե եղավ, ապա, խնդրեմ, բանվորին այնքան աշխատավարձ տվեք, որ և՛ կարտոֆիլ գնի, և՛ կաղամբ, և՛ յուղ, և՛ միս, և՛ հագուստ։ Դուք երկու֊երեք ամիսը մեկ անգամ եք աշխատավարձ տալիս, տվածներդ էլ միայն հագուստի գին, և չեք թողնում, որ մարդիկ ունենան կարտոֆիլ, միս, յուղ, չեք թողնում, փաստորեն, մարդիկ ուտեն։ Ինչո՞ւ չեք թողնում։ Նրա համար, հա՞, որ սովխոզների կանոնադրության մեջ չի թույլատրվում, խոզ պահել, ձի պահել, 1500 մետրից ավելի հող ունենալ։ Ասացեք, խնդրեմ, իսկ այդ կանոնադրության մեջ գրվա՞ծ է, որ երկու֊երեք ամիսը մեկ անգամ են աշխատավարձ ստանալու և ամբողջ երեք ամսվանը հազար ռուբլի է լինելու։ Չի գրված։ Այդ դուք եք հնարել։ Եվ՝ ո՞ր օրենքով։ Սովխոզների կանոնադրության տառով, հա՞։

Այսքան։

Ես շատ բան չեմ ուզում. մի ժամանակ մարդիկ այդքան ուզել են և վերցրել զոռով։ Հիմա քիչ բան է մնում. այդ էլ պիտի տրվի։ Ես ուզում եմ... այ դուք ունեք կարմիր երես և կլորիկ փոր... Ես ուզում եմ, որ բոլորն էլ դրանցից ունենան։ Այսինքն՝ սյուիտի տարրերը իրականութչան մեջ ։

Բացի հունձը

Ամռանը գիրք չի կարդացվում։ Ձանձրանում են, դուրս գալիս գյուղամեջ, ձանձրանում խանութում, փակ գրասենյակի դռանը, անմարդ ակումբում, գնում տանը գրքին նայում ու քնում։ Բնությունը թույլ չի տալիս հիանալ գրքով, ոչ էլ իր անսահման հմայքն է մատուցում դեն նետված գրքի փոխարեն։ Բնությունն այնքան հավաք ու ամփոփ չէ, որ հաճույքով թերթես, ոչ էլ այնքան թույլ՝ որ թողնի գիրք կարդաս։ Անընդգրկելի մեծ է, անսահման խոհուն, անչափ խոր, բայց ցրված է։ Ու խառն է։ Բնությունը ձանձրացնում է։ Միայն աշխատանքն է հաղթում տարտամությանը։

Բայց հանգիստ պետք է։

Ընդամենը մեկ օրվա հանգիստը Իգնատ քեռուն տվեց մի լավ համերգ։ Ջոկեց բոլոր երգերից Թագորի «Թուլությունը՝ ամոթ է» և ձայնապնակը նորից դնել տվեց։ Ամաչելով, ծիծաղելով, կարծելով երեխայություն է անում՝ երրորդ անգամ նվագել տվեց։ Խոսքը բենգալերեն է, խոսքով չէր հետաքրքրվում։ Ունկնդրում էր զուտ երաժշտությունը։ Մյուս օրը, խոտհնձի առաջին ժամին, կանգնեց ու ամաչելով՝

— Հնդիկների ձենը ականջիցս չի գնում։— Դեռ զով առավոտ էր։ Գիշերը հանգիստ էր քնել։ Բավականություն պատճառելով՝ ձգվում֊թուլանում էին մաշկի տակ ձուկ֊մկանները։ Խոտը շաղոտ էր, լավ էր կտրվում։

— Հնդիկների ձենը ականջիցս չի գնում։ Էդ ինչո՞վ են նվագում, շատ լավ գործիք է։ — Բոլոր նրբություններով երգը հիշում էր։ Ճաշվա մոտերքը մեջը երգից քիչ բան էր մնացել, երեկոյան՝ ոչինչ։

— Ի՞նչ հնդիկ։

— Երգը։

— Ա՜յ տղեն... Բանի՜ ետևից ես ընկել։ Մի վազի՛, վազի էշը բեր, ես խոտ եմ խորոմում։

«Ու—2»֊ի լրտես օդաչուի բախտով հետաքրքրվում էին, և մի երեկո ռադիոն բոլոր տներում տեղեկացրեց դատի մասին։ Աշխատանքային լարված օրեր չէին նախորդել դրան, և գյուղն ուզեց, «որ սարսաղը սարսաղություն չանի, մեղքն ընդունի՝ չսպանեն»։ Մյուս օրը գյուղը հոգնած չէր աշխատանքից՝ սրտի տրոփյունով նստեց 22— 30֊ի վերջին լուրերը լսելու։

ՌՈՒԴԵՆԿՈ. Կարող էր այնպես լինել, որ այդ լծակները միացնելիս լինեին ոչ թե նկարահանող ապարատներ, այլ ռումբ։ Այն ժամանա՛կ էլ կմիացնեիք֊կանջատեիք։

ՊԱՈՒԵՐՍ. Դա կարող էր լինել։

ԱՀՆԻՁՈՐ. Թո՜ւ... Հիմար դու, հիմար...

Եվ Ահնիձորը մտածեց ու չգտավ, թե դրանից հետո ինչ կասի Ռուդենկոն։

Վերջին լուրերի առավոտյան հաղորդումը գյուղին մտածել տվեց Պաուերսի ճակատագրի դեպի լավը գնալու մասին, և դուրս եկան խոտհնձի։ Շարունակությունը կլսեն երեկոյան։ Երեկոյան ոչ մի ընդունիչ չմիացավ վերջին լուրերի համար. աշխատանք՝ և ջղպյնություն ճաշի աղիության համար, որ լույսերը Ձորագէսից կանոնավոր չեն տալիս՝ դրա համար, որ մի ամիս առաջ գյուղի վրայով կարկուտը սևացնելով անցավ՝ դրա համար, որ դռան տակին մի տեղ պահվել է ծղրիդն ու հա՛ ճռռում է՝ դրա համար։ Աշխատանքի և Պաուերսի ամբողջ խելացի, հանցանքի գիտակցությամբ ներծծված պատասխանները մոռացվեցին։ Մնաց այս. Պաուերս. Դա կարող էր լինել։

— Թող սատկացնեն շանորդուն։

Հետո, երբ անձրևոտ օր էր և գյուղը տանն էր,հանգստանում էր, անդրադարձավ.

— Օդաչուի գործն ի՞նչ եղավ։— Ու հիշեց.— Հա, ասենք՝ տասը տարի։ Լավ եղավ։ Սարսաղն էն խոսքը չէր ասել, ավելի լավ կլիներ։

— Լսիր, Պաուերսին շա՞տ չեն տվել։

— Քրիստոսություն։

Վալոդի հետ դառնում ենք հնձից։ Հոգնած ենք։ Ես կուզեի անկողնում լինել, իսկ Պաուերսին թեկուզ կախեն։ Վալոդն ինձնից շատ է հոգնած, նրա մարմինը նույնն է ուզում՝ արդեն խմած լիներ քաղցր թեյ և անկողնում զգալիս լիներ թեյի ու քնի պարույրը։

— Դե քրիստոսը դու ես։ Այստեղ քրիստոսություն չկա։

Հետո տանը, անկողնում, երբ աշխարհը կուշտ կերածիս և հանգստացողիս մեղմ փաղաքշում է, ես մտածում եմ, որ Վալոդը մեծ մարդ է։

Ծնվել է 1933-ին. տեսել է պատերազմը թիկունքում՝ ծնկասող մատուռ գնացող տատին և հինգերորդ դասարանցի եղբորը՝ շալակով խոտ կրելիս, կոլխոզի համար։ Հետո ինքն է շալակել։ Պատերազմից հետո կերել է թեփահաց։ Հետո երազելով լսել է ուսուցիչների խոսքը իր ընդունակությունների ու պայծառ հեռանկարների մասին, ապա ցավով հրաժարվել բուհի մտքից։ Վերջերս գնաց Կիրովական ապրելու, թողեց ետ եկավ։

— ԻՆչո՞ւ եկար, Վալոդ, գրանցվել էիր, առաջին տարիներին դժվար կլիներ, հետո տանելի, ինչո՞ւ եկար։

— Հերս մենա՜կ... արդեն մեծ է, մեղք է։

— Դրությունդ մի քիչ լավանար, հորդ կտանեիր։ Ինչո՞ւ ետ եկար։

— Գյուղին կարոտում էի։

— Հրես Կիրովականը։ Շաբաթ օրր կգայիր, կտեսնեիր, երկուշաբթի էլի քո գործին կլինեիր։

— Որ այստեղ եմ, էլի կարոտում եմ։ Հերս ծերանում է։

Հայրը հինգ թվական է։ Ապրել է աշխարհում երբևէ եղած դժվար տարիներից հիսունհինգը։ Բայց հո նա մեղավո՞ր չէ, որ հինգ թվին է ծնվել։ Ապրելի՛քը լավ ապրեր։ Արդեն սպիտակել է։ Նա սիրելի է ճերմակ քունքերի համար։ Սիրելի է նաև հրա սերունդը, որովհետև նրա պես ճերմակ քունքեր ունի։ Նրան սիրելի է և իր սերունդը, որը, ինչպես ինքը, կերել է սիսեռի քուսպ և մտածեի որ քուսպը լինում է նաև քնջութից։

— Գիտե՞ս ինչ կուզեի արած լինել,— հարցնում է Վալոդը։

— Ասա...— Իսկ այդ անիծված սապոգները ծանր են, և ուսերս մրմրում են արևայրուքից։

— Մի բան հնարեի, որ մարդու աշխատանքը թեթևացներ,— ասում է կամաց, մտածելով։— Քիչ թեթևացնեի... Մեր աշխատանքի պես միայն շաբաթօրյակներով կարելի է աշխատել... Քիչ թեթևացնեի՝ ճաշի աղիությունից չգոռար կնոջ վրա, չասեր թող սպանեն Պաուերսին... Քիչ թեթևացնեի՝ մարդիկ իմանային որ «Գիքորից» բացի ուրիշ բան էլ ունի Թումանյանը... Ախար դպրոցից հետո իսկի գիրք չնք կարդում։

Վալոդ Մաթևոսյանին երբեք էլ չի հաջողվի մարդու աշխատանքը թեթևացնող մի բան հնարել. ոչ տեխնիկական բավարար պատրաստականություն ունի, ոչ էլ ժամանակ։ Նա չի էլ փորձելու։ Բայց նա մեծ մարդ է, նա ուղղակի լավ սիրտ ունի։

Իսկ դուք չե՞ք զգացել, որ այսօրվա գյուղի երիտասարդությունը բացսիրտ է, ազնիվ, մարդասեր։ Խխունջ չէ։ Իսկ խխունջից՝ եղե՛լ է։ Խխունջից — լայնսրտություն։ Դուք չե՞ք կարծում, որ դա նվաճում է՝ ինչպես Օպերայի շենքը, Մատենադարանը, ինչպես Երևանն ինքը...

Մարդը սիրում էր բնությունր, բնությունը նրան ուղղակի քաշում էր և, ուրիշների և իր համար իմաստ դնելով դրա մեջ, ուսովը հրացան էր գցում,— որսորդ եմ, որս եմ անում, որսը սարերում ու անտառներում է լինում, ես էլ փնտրում եմ հենց հանդերում։

Այս մարդը, Դանիելյանց Գիրիշ քեռին, վաթսունհինգ տարի ապրել է այս ձորերում, և քանի աղբյուր ու առու, քանի ծառ ու բացատ, քանի քար ու բլուր որ կա, սիրտն այդքան էլ թել ունի։

Եվ Գիրիշ քեռու սրտում նվագում են Ահնիձորի բնությունն ու ահնիձորցի մարդիկ։ Եվ այն պահն է այդ նվագի մեջ, երբ կորցրել է մի մեծ բան, և հայտնի չէ, թե հետո կլինի՞ հույսի մի շող՝ սկզբում բեկբեկ, ապա վարար ու լայնշեղբ՝ արտահայտված մի նոր բան գտնելով։

Մարդը պիտի թողնի Ահնիձորը։ Որդիները տեղափոխվել ապրում են Դիլիջանում։ Հորը տանում են։

— Արի քեզ համար նարդի գցի, ոչ հաց են ուզում քեզնից, ոչ ջուր։

Տունը ծախել են։ Տան հետ՝ Զարդաքարով վերջացող հորիզոնը, արևգալը Կալքարի պռնկից, անտառի ոսկին՝ աշնանը, կխտարի հառաչը ճրագթաթ ծմակում, հարևան֊բարեկամությունը...

— Գիրիշ քեռի՜,— կանչեցի։— Էշս կորել է, չես տեսե՜լ...

— Կալերի վրա փախած գնում էր, բռնեցի կապեցի, արի տար։

Գնացի բերելու։ Գիրիշ քեռին կանգնել է մթի մեջ, ծխում է։ Մութն ու ծղրիդների ճռռոցը խառնվել են իրար, չեն բաժանվում։ Թվում է՝ մութը թանձր պատերի պես վրա է գալիս, արանքում սեղմում ինչ֊որ բան, երևի ապարանք, և սա փշուր-փշուր է լինելու, ճռռոցով տեղի է տալիս։

— Հա, էնա կալերի վրա գնում էր, ասի՝ թոկը ետևից էս ուր է գնում էս էշը, կապեցի։

Նա խոսակից է ուզում։— Գնացի՞ր,— ասում է։

Ես հիշում եմ, որ նրա տանը մարդ չկա, կինն ու կթվոր աղջիկը սարում են, որդիները Դիլիջանում։ Տունը մթի մեջ մի մութ զանգված։

— Ինչո՞ւ լույսերը չես վառում։

— Ո՞ւմ համար վառեմ։

— Քեզ համար։

— է՛հ... Գնում եմ։ Մի ամիս մնաց։

Ուրա՞խ չես, Գիրիշ քեռի։

Լուսինը գունդը հրեց Կալքարի գլխից, ծառերի արանքով։ Պռունկով ժայռին խփվելուց նա անպայմա՛ն զնգաց, ծղրիդների համերգում զնգոցը ուղղակի խլացավ և մե՛նք չկարողացանք լռել, և ճյուղերն անպայմա՛ն չանգռեցին նրա երեսը։

— Ծը, ծը, ծը... զարմացք է, զարմացք...— Հետո սթափվում է,— հա՛, գնում եմ, տանում են։

Ինչքան էլ երեկոն գեղեցիկ լինի, դիմացինը երիտասարդ է, իրեն չի հասկանա։ Խոպան են գնում, նրանց փոխարեն գալիս է մի երկու նամակ, հետո այդ էլ չի գալիս, բանակ են գնում՝ մնում, քոչում են Կիրովական, Երևան, քաղա՛ք, որն ուզում է լինի։ Նրանց շատ հո՞գսն է, թե լիալուսինը գալիս հաստա՛տ զնգում է, հարկավոր է միայն ուշադիր լսել...

Ուզում է ժամանակակից երիտասարդիս համար գտնել լավ սրտի տեր մարդու իր տվայտանքի արդարացումը, որը լիներ նույնքան համոզիչ ու նույնքան մեծ, ինչքան հարմարավետությունը։

— Ախար հայրենիք է, այստեղ եմ մազս սպիտակեցրել, այստեղ է արջը մեջքս նախշել, այստեղ եմ ծիծաղել...

Ծխախոտը հանգել էր։ Ուզեց վառել, կարճացել կորել էր բեղերի մեջ, բեղը վառեց։ Կյանքում շատ են ծիծաղել նրա վրա։ Հիմա էլ դիմացի՞նը չի ծիծաղում ծխախոտի համար։ Ես չէի ծիծաղում։ Ես ավելի շուտ կուզեի ասել. «Նստիր քո տան շեմքին և քանի անգամ որ լուսինը դուրս կգա՝ նայիր, ես մորս կխնդրեմ, որ քեզ համար ճաշ պատրաստի, տա ինձ՝ բերեմ», ես ավելի շուտ կուզեի գնալ խնդրել նրա որդիներին, որ ետ գան, տանը լույս լինի, դիմացը՝ իրենց հոր լուսինը... Ա՛հ, ես պարզապես երեխա էի դարձել...

...Հետո անցավ մի ամիսը։ Որդիները եկան տան եղած-չեղածը հավաքեցին, մեքենայով տարան։ Հայրը պետք է սարերով կովը քշեր։ Գյուղը լցվել էր գերեզմանոց. սուրբ խաչի օրն էրւ։ Գնաց հրաժեշտի։ Պատրվակ էր դարձրել հողաթմբերը և երեխայի պես հեկեկում էր։ Կյանքում շատ են ծիծաղել նրա վրա, հիմա չծիծաղեցին։ Հետո հրացանն ուսը գցեց ու կովը սարերով կամաց Դիլիջան քշեց Ահնիձորին հավերժ սիրահար Գիրիշ քեռին։

Զավեն Թաթոյանը սովխոզի հովիվներից է։ Չգիտեմ սոցիալիստական պարտավորություն վերցրել է ու գերակատարե՞լ, թե՞ թերացել է նաև պետական պլանների մեջ։ Գիտեմ, որ հովիվ է՝ ծեծվում է անձրևի ու կարկտի տակ, գիտեմ, որ դժար կյանք է հովվի կյանքը։ Եվ նա, ով անձրևից բեռ դարձած յափնջու տակ, գոտում, շվի է պահում, անընկճելի է։

Զավենը շվի չի նվագում։ Բայց ներու պոզերը լավաշով տաքացրել, իրար զուգահեռ տնկել է գլխին՝ մի զույգ սուսեր։ Բայց շներ է պահում, երեխայի հրճվանքով ծիծաղում՝ երբ առաջին հարային սրվում են ու նետի պես պոկվում, Սա՛ է շվին։ Թող որ մի երկու կիլոգրամ ալյուր փչացած լինի այն լավաշի վրա, որով տաքացրել է ներու պոզերը։ Թող որ սարերում հիմա գայլ քիչ կա, Զավենը հրացան ունի, և շներին գործ չի մնում։ Թող երկու չէ, քսան կիլոգրամ ալյուր փչանար եերու պոզերի վրա։ Քանի որ շա՛տ կարևոր, ամենակարևոր բանն է այդ շվին՝ մարդու ե՛րգը։

Իսկ սովխոզի զոոտեխնիկին կարգադրողների համար կարևորը դա չէ։ Հովիվը պետք է ստանձնի պարտավորություն առ այն, որ 100 ոչխարից կստանա 135 գառ, ամեն մի ոչխարից՝ 4,5 կգ բուրդ և երբ նրան գովեն՝ խոստանա ստանալ համապատասխանաբար 145 գլուխ գառ և 4,750 կգ բուրդ։ Հետո, երբ անհնար կլինի 100 ոչխարից 150 (և ավելի) գառ ստանալ, որովհետև ինչքան էլ եռանդուն լինի հովիվը, 100ով այդքան չեն ծնի,— այդ պատասխանատու ընկերները կմտածեն ուրիշ բաների հաշվին էժանացնել բուրդը։ Շների՛։ Ինչի՞ է պետք ամեն հովվի ետևից հինգ շուն՝ ամենքը հարյուր ռուբլի ծախսով։ Երեքը բավական է։ Կարևորը և միակը սա է։ Պետք էր աղոթել, որ նրանք չտեսնեին շների ավելորդ հաստիքները։ Տեսնելուց հետո մտածել չկա։

— Սպանեց, ինչքան խնդրեցի, բանի տեղ չանցավ, սպանեց։

— Ո՞վ։

— Զոոտեխիկը, Շեկոյան Խոսրովը։

— Զավեն, երեքը հոտիդ բավակա՞ն չէ։

— Իրենց ի՞նչ գործն է՝ շուն կպահեմ, շուն չեմ պահի, սև կլինի, չալ կլինի, քանիսը կպահեմ...

— Իսկ երեքը բավակա՞ն չէ,— կրկնում եմ հարցս և, Զավենի համար, դառնում եմ նրանցից, ովքեր թվաբանությամբ պարզել են, որ երեքը կարող են կատարել հնգի պարտականությունը։

— Չէ, երեքը քիչ է, երեքը չի պահի, ծմակուտ տեղ է,— պատճառաբանում է Զավենը։

— Դե հիմի գայլ քիչ կա, հրացան ունես, այդ երեքն էլ ուզածի շուն լինի, կպահի։— Ու ես հասկանում եմ, որ հիմարություն եմ անում։

Իոկ նա ծածկում է սարերին սիրահար Զավենին, մեջտեղ հահում մի չեղած Զավենի՝ հաշվումներ անող, հաշվումներով հինգ շան անհրաժեշտությունն ապացուցող Զավենի, որը շա՜տ թույլ է, որովհետև ինքը Զավենը չէ, և որը միայն մի բան է խնդրում։

— «Ոզնուն» ասա նկարի՝ զոոտեխնիկը թոկի ծայրը ձեռքին, մյուս ծայրից շունը կախ տված, լեզուն հանել է զոոտեխնիկի վրա... կասե՞ս, կասես հա, կասես... ոչխարն էլ էնտեղ առանց շան...

— Դու էլ էն կողմից գալիս ես, շղթան ձեռքիդ, որ զոոտեխնիկին տանես անտեր ոչխարներին պահապան...

— Հա՛, հա՛... Հենց էդպես կանես, հա՞...

— Ախար դու մի շնով էլ կպահես ոչխարը, առանց շուն էլ կպահես։

— Հհարավոր չէ։

— Ասենր թե հնարավոր է։ Ասենք թե սարերում գայլ չկա և հնարավոր է, բայց դու ուզում ես շներ ունենաս։ Ինչո՞ւ չեն թողնում պահես։ Իրենց ի՜նչ գործն է՝ շուն կպահես, շուն չես պահի, սև կլինեն, չալ կլինեն, քանիսը կպահես... իրենց ի՛նչ գործն է։

— Բայց որ էդպես ասենք, չեն նկարի։ Ի՞նչ անենք։ Որ էդպես ասենք, կասեն պետական թեփ է ուտում, ոնց թե մեր գործը չի։ Չեն նկարի... Ահ, մեկ է, արդեն սպանել են, պրծել...

«Սպանել են պրծել»։ Հիմա երեք շուն կա Զավենի հետ։ Այսինքն 200 (երկու հարյուր) ռուբլու շնալյուրի խնայողություն։ Միլիոնը երկու հարյուր ռուբլիներից է բաղկացած։ Որևէ ժուռնալիստի մտքով չի՞ անցել՝ զոոտեխնիկի նախաձեռնությունը վերագրել նրան՝ աշխատանքի մարդ Զավենին, և թխել, թե ամեն կերպ նա ձգտում է իջեցնել մթերքների ինքնարժեքը։ Հնարավոր էր, գիտե՞ք։ Զավենը չէր բողոքի. կմտածեր, որ խելոքը նրանք են, ինքը չէ, այդ նրա՛նք գիտեն, թե ինչ է ուզում իր սիրտը։

Բայց սպասեցեք։ Մարդը, անձրևից, ցուրտ քամուց ծեծվող մարդը, կատարում է իր հասարակական պարտքը՝ մեզ համար բազմացնելով ոչխարներ։ Ու այդքանով՝ մեզ հետ քվիթ։ Իսկ իր Համար ունի իր անկյունը՝ մեզ չվերաբերող, նույնիսկ իր կնոջը չվերաբերող, նույնիսկ իր մտքին չվերաբերող, սրտի՛ անկյունը։ Ինչու ենք անպայման ուզում կարմիր անկյուն դարձնել այդ անկյունը։ Գոնե դարձնեինք։ Ախար ոչինչ էլ չենք դարձնում, ավերում թողնում ենք։


Ընդհանուր ակնարկ

Մի Ժամանակ մոռ էին քաղում, տանում Դիլիջան ծախում. քաղելը դժվար է՝ մոռուտից դուրս ես գալիս դեմքդ բանջարով քրքրված, մինչև Դիլիջան երեսուն կիլոմետր է, ոտքով էին դնում, նաև՝ ճանապարհին մի զառիվեր կա՝ երկար ու համարյա ուղղահայաց, բայց տանում էին Դիլիջան ծախում։ Մոռը դառնում էր մատնաքաշ հաց, երկու գրվանքա շաքար և չորս համար կալոշ՝ սարվոր նանի համար, բրեզենտե կոշիկ, գլխարկ և վզկապ։ Մոռը դառնում էր դաշտային աշխատանքների ձախողում, նախագահի՝ կաշվից դուրս գալ, որ կտրվի Դիլիջանի ճամփան, բայց և այնպես նոր զեկուցագիր՝ «այսօր սա, սա, սա... լքել են աշխատանքը, գնացել Դիլիջան մոռ ծախելու. խնդրում ենք միջոցներ ձեռք առնեք նման անբարեխիղճ աշխատողների նկատմամբ»։ Զեկուցագրերի ձևը մնում էր նույնը, փոխվում էին անբարեխիղճ աշխատողները՝ մինչև որ բոլոր տատերն էին ունենում շաքար և կալոշ, բոլոր դպրոցականները՝ բրեզենտից կոշիկ ու բամազիե շապիկ՝ սեպտեմբերի մեկի համար։

Հիմա մոռուտները կան, ճամփան էլ մնում է նույնը, բայց կտրվել է Դիլիջանի ճամփան, հիմա մոռը դառնում է միմիայն մուրաբա՝ սպառնալով լցնել տանը եղած բոլոր ամանները։ Մոռը դառնում է նաև դաշտային աշխատանքների ձախողում, չպետք է դառնա, հասկանում եմ, դրա համար էլ առաջարկում եմ՝ թող հովեկները գան քաղեն, ծախեն գյուղացիներին։ Քիչ չեն վճարի։

Տրեխը դեկորացիա է. «Ես գյուղացի եմ, գյուղացիները տրեխ են հագնում. ես տրեխ եմ հագել»։ Բայց տրեխը հագել են չուխայի հետ և ոչ թե ջոնջոլի, և տրեխ հագնողը դառնում է դեկորատիվ գյուղացի։ Գործնականը սապոգն է, որ քաղաք գնալիս հագնելու համար չէ, դրա համար կա կոշիկը։

Յափնջին դիմացել է. հանձին դրա՝ հովիվները գտած են եղել կռվելու ամենահարմար ձևը ցրտի ու անձրևի դեմ, և ՍՍՀՄ֊ում ինչ֊որ տեղ ժամանակակից վերարկու կարող ֆաբրիկաներից մեկը ստիպված է ունենալ յափնջի արտադրող տեղամաս։

Շվին դիմացել է. ընդունել է Ավետ Գաբրիելյանի մրցահրավերը և հաղթել. իր սարերն են եղել, իր անդորրը, մակաղած ոչխարը՝ հանգիստ մնչալիս, իր լուսինն է եղել, նստած որի գլխին, սարվորը պառկած է եղել, աչքը կպցնելիս, ու հանգիստ սուլել է շվին։ Շվին հաղթել է։ Եթե քիչ են փչում, մի ժամանակ շատ են փչել՝ այդ ուրիշ. մի ժամանակ շվահար Դանելանց Արտեմը ջահել է եղել, հիմա ծերանում է Արտեմ քեռին։

Հարևան Շամուտի կազմած ծրագրով Երևանը համերգ տվեց։ Այդ համերգում չկային «Ինժեներ բալան», «Կոլխոզի չոբանը», «Ռաջի երգը «Թափառաշրջիկ» կինոֆիլմից». Մոցարտի «Ռոնդոն» կար, «Մայր Արաքսը» Շահմուրադյանը երգեց, «Ծիրանի ծառը» նվագեցին, ֆրանսացի մի մտերմիկ ձայն «Մեծ զբոսայգիներ» երգեց և էլի բաներ, որ ամենևին «Ինժեներ բալա» չեն։ Մարդիկ լսել են, ընտրել, ցանկացել նորից լսել։

Շամուտն Ահնիձորն է։ Ուղղակի՝ Շամուտը մի քիչ շուտ է գլխի ընկել, որ կարելի է պատվեր տալ, նորից լսել «Ծիրանի ձառը»...

Վաղը Շոպեն են լսելու. սպասեք աշխատանքը քիչ թեթևանա, հունձը էլի մի մասով ընկնի մեքենայի վրա... Դա հո կլինի դրա վրա ինչ֊որ տեղ հո աշխատում են մարդիկ, որոնք ունեն և լավ սիրտ, և գիտություն։