Changes
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]
==Յուպիտեր հինգը==
Պրոֆեսոր Ֆորստերը այնքան կարճահասակ էր, որ նրա համար հատուկ տիեզերահագուստ էին պատրաստել։ Սակայն, ինչպես հաճախ պատահում է, ցածր հասակը հատուցվում է կրակոտ բնավորությամբ ու համառությամբ։ Երբ ես հանդիպեցի նրան, արդեն քսան տարի նա հետամուտ էր մի երազանքի։ Ավելին, նա մի ամբողջ շարք ողջամիտ բիզնեսմենների, Համաշխարհային խորհրդի անդամների ու գիտական տրեստների վարիչների կարողացել էր համոզել, որպեսզի նրանք երաշխավորեին իր ծախսերն ու մի տիեզերանավ հանդերձավորեին իր համար։ Ու չնայած նրան, ինչ ավելի ուշ պատահեց, ես մնում եմ այն կարծիքին, որ դա նրա ամենաակնառու հաջողությունն էր․․․
«Առնորդ Թոյնբին» յոթ հոգուց բաղկացած անձնակազմ ուներ, երբ մենք ճանապարհ ընկանք Երկրից։ Պրոֆեսորից և նրա գլխավոր օգնական Չարզ Աշթոնից բացի, նավի մեջ էին սովորական եռյակը՝ օդաչուն, շտուրմանը, ինժեները, ինչպես նաև երկու ասպիրանտներ՝ Բիլ Հավկինսն ու ես։ Ես ու Բիլը երբևէ տիեզերքում չէինք եղել, և այդ ամենը մեզ այնքան գրավիչ էր թվում, որ ամենադույզն իսկ չէինք մտահոգվում, որ Երկիր էինք վերադառնալու միայն հաջորդ սեմեստրի սկզբներին։ Ըստ երևույթին, այդ բանը չէր հուզում նաև մեր գիտական ղեկավարին։ Այն բնութագրերը, որ նա տվել էր մեզ, երկիմաստության գլուխգործոց էին, բայց որովհետև Մարսյան գրեր կարդացողներիս կարելի էր հաշվել մեկ ձեռքի մատների վրա (թող ինձ թույլ տրվի օգտագործել այս շաբլոն արտահայտությունը), մեզ վերցրին։
Եվ քանի որ մենք թռչում էինք դեպի Յուպիտեր, այլ ոչ թե դեպի Մարս, այդ ճանապարհորդության նպատակը փոքր֊ինչ անհասկանալի էր թվում մեզ, թեպետ ծանոթ լինելով պրոֆեսորի տեսություններին, մենք որոշ բան կռահում էինք։ Դա մասամբ հաստատվեց, երբ մենք տասը օրվա ճանապարհ էինք անցել Երկրից։
Պրոֆեսորը շատ բազմանշանակ հայացքով նայեց մեզ, երբ նրա հրավերով ներկայացանք։ Նույնիսկ անկշռելիության պայմաններում նա կարողանում էր արժանավայել պահել իրեն, մինչ մենք լավագույն դեպքում կառչում էինք մոտակա բռնատեղերից և ջրիմուռների պես ծփում այս ու այն կողմ։ Ես այն տպավորությունն ստացա (թեև, անշուշտ, կարող էի սխալվել), որ երբ նայում էր նա մերթ իմ, մերթ Բիլի կողմը, մտածում էր՝ «Ո՞ր մեղքերիս համար»։ Ապա նա մի խոր հոգոց քաշեց, որն ակներևաբար նշանակում էր՝ «Այլևս ուշ է դրությունը շտկելու համար», և սկսեց խոսել այն մեղմ, համբերատար տոնով, որին նա դիմում էր մի որևէ բան բացատրելիս։ Համենայն դեպս, նա մեզ հետ խոսում էր այդ տոնով։ Թեպետ, հենց հիմա ես հիշեցի, որ․․․ լավ, լավ, չշեղվենք։
― Ինչ մենք հեռացել ենք Երկրից, ― սկսեց նա, ― ես հնարավորություն չեմ ունեցել պատմել ձեզ այս արշավանքի նպատակի մասին։ Հավանաբար, դուք արդեն ինքներդ եք կռահել։
― Ինձ թվում է, ես կռահել եմ, ― ասաց Բիլը։
― Դե, ուրեմն, լսում ենք, ― պատասխանեց պրոֆեսորը, մի անսովոր փայլ տալով աչքերին։
Ես ձեռքիցս եկածն արեցի, որպեսզի կանգնեցնեմ Բիլին, բայց փորձե՞լ եք երբևէ կից զարկել որևէ մեկին անկշռելիության վիճակում։
― Դուք ուզում եք որոշ․․․ ես կասեի՝ նոր ապացույցներ գտնել արտաերկրային քաղաքակրթության դիֆուզիայի վերաբերյալ ձեր տեսության համար։
― Իսկ գիտե՞ք, թե դրանք փնտրելու համար ես ինչու եմ գնում դեպի Յուպիտեր։
― Ճիշտն ասած, ես վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ հույս ունեք որևէ բան գտնել նրա արբանյակներից մեկնումեկի վրա։
― Ապրե՛ք, Բիլ, ապրե՛ք։ Մեզ հայտնի տասնհինգ արբանյակներ կան, և նրանց ընդհանուր տարածությունը կազմում է Երկրի մակերեսի մոտավորապես կեսը։ Որտեղի՞ց կսկսեիր որոնումներդ, եթե տրամադրությանդ տակ ունես ընդամենը մեկ֊երկու շաբաթ ժամանակ։ Ես շատ կուզենայի իմանալ։
Բիլը տարակուսանքով նայեց պրոֆեսորին, մտածելով թե արդյոք նա չի հեգնում։
― Ես աստղագիտությունից ուժեղ չեմ, ― ասաց նա։ ― Բայց, եթե չեմ սխալվում, այդ տասնհինգի մեջ չորս մեծ լուսիններ կան։ Ես կսկսեի սրանցից։
― Ի գիտություն ձեզ, նրանցից յուրաքանչյուրը՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Քալիստոն գրեթե Աֆրիկայի չափ է։ Արդյո՞ք պետք է աշխատեք նրանց վրա այբբենական կարգով։
― Ոչ, ― փութով պատասխանեց Բիլը։ ― Ես կսկսեի Յուպիտերին ամենամոտիկից, և ապա կանցնեի ավելի հեռուներին։
― Ես կարծում եմ, մենք այլևս ժամանակ չենք վատնի ձեր տրամաբանական պրոցեսներին հետևելու վրա, ― հառաչեց պրոֆեսորը։ Ակներև էր, որ նա չէր համբերում սկսելու իր նախօրոք պատրաստած ճառը։ ― Այնուամենայնիվ, դուք խորապես սխալվում եք։ Մենք ամենևին էլ չենք գնում դեպի մեծ արբանյակները։ Նրանք լուսանկարահանման միջոցով հետազոտվել են տիեզերքից և բավականին լավ պատկերացում ունենք նրանց մեկերևույթների ընդարձակ տարածությունների վերաբերյալ։ Նրանք հնագիտական հետաքրքրություն չեն ներկայացնում։ Մենք գնում ենք մի այնպիսի տեղ, ուր ոչ ոք չի այցելել մինչև այժմ։
― Յուպի՞տեր, ― զարմանքից ապշած հարցրի ես։
― Աստված մի արասցե, ավելի վատ բան չէիք կարող ասել։ Բայց մենք պետք է նրան մոտենանք ավելի, քան երբևէ մոտեցել են։
Նա մի խորիմաստ դադար տվեց։
― Ուշագրավ երևույթ է, դուք գիտեք, կամ գուցեև չգիտեք, որ գրեթե նույնքան դժվար է Յուպիտերի արբանյակների միջև ճանապարհորդելը, որքան մոլորակների միջև, թեև տարածությունները անհամեմատ ավելի փոքր են։ Բանն այն է, որ Յուպիտերը ահռելի ձգողական դաշտ ունի և նրա լուսինները շատ արագ են երթևեկում։ Ամենաներքին լուսնի շարժման արագությունը Երկրի արագության հետ կարող է չափվել, և Գանիմեդից այնտեղ ճանապարհորդելու համար գրեթե նույնքան վառելիք է պահանջվում, որքան Երկրից Վեներա գնալիս, թեպետ այն տևում է ընդամենը օր ու կես։ Դա էլ հենց այն ճանապարհորդությունն է, որին ձեռնամուխ ենք եղել մենք։ Ոչ ոք դեռ չի ձեռնարկել այդ, որովհետև չի կարողացել համոզիչ արդարացում գտնել նման ծախսերի համար։ Յուպիտեր Հինգը ընդամենը երեսուն կիլոմետր տրամագիծ ունի, այնպես որ ըստ կարելվույն չէր կարող մեծ հետաքրքրություն ներկայացնել։ Չեն այցելել նույնիսկ որոշ արտաքին արբանյակներ, որոնց հասնելը շատ ավելի հեշտ է․ մտածել են՝ չարժե հրթիռային վառելիք վատնել դրա համար։
― Է, իսկ ինչո՞ւ ենք մենք վատնում, ― ասացի ես։
Ես համոզված էի, որ պրոֆեսորի մտահղացումից ոչինչ չի ստացվի, բայց դա ինձ շատ չէր մտահոգում․ միայն թե հետաքրքրիր լիներ և ոչ շատ վտանգավոր։
Թերևս պետք է խոստովանեմ (չգիտեմ, արժե թե ոչ, որ ուրիշները լռում էին այդ մասին), որ այն ժամանակ ես ամենևին չէի հավատում պրոֆեսոր Ֆորստերի տեսությանը։ Իհարկե, ես լավ գիտեի, որ նա պայծառ դեմք է իր բնագավառում, բայց նրա որոշ իդեաներ ինձ չափազանց ֆանտաստիկ էին թվում։ Եվ, վերջապես, նրա բերած փաստարկները այնքան թույլ էին, իսկ եզրակացությունները՝ այն աստիճան հեղաշրջիչ, որ հազիվ թե որևէ մեկը կասկածանքով չվերաբերվեր դրանց։
Հավանաբար, դուք հիշում եք, թե ինչպես զարմացավ աշխարհը, երբ Մարսյան առաջին արշավախումբը այնտեղ հայտնաբերեց ոչ թե մեկ, այլ երկու հնագույն քաղաքակրթության մնացուկներ։ Երկուսն էլ մեծ զարգացում էին ապրել, բայց երկուսն էլ կործանվել էին հինգ միլիոն տարի առաջ։ Պատճառը հայտնի չէր (ու դեռ հայտնի չէ)։ Կարծես պատերազմը չի եղել պատճառը, քանի որ երկու մշակույթներն էլ, երևում է, գոյակցել են հաշտ ու խաղաղ։ Ժողովուրդներից մեկի ներկայացուցիչները միջատանման են եղել, մյուս ներկայացուցիչները հիշեցրել են սողունների։ Ըստ երևույթին, միջատները եղել են իսկական բնիկներ, մարսեցիներ։ Սողուն֊մարդիկ, որոնց սովորաբար կոչում են «X քաղաքակրթության» ոչ մի հետք չի գտնվել, թեև նա վստահ էր, որ ժամանակի ընթացքում նման հայտնագործություն կլինի։
«X քաղաքակրթության» ընդունված տեսությունն այն է, որ նա սկզբնապես առաջացել է փոքրիկ մոլորակներից կամ արբանյակներից մեկի վրա, հաշտ ու խաղաղ հարաբերության մեջ է եղել մարսեցիների հետ (արեգակնային համակարգության մեջ այն ժամանակ հայտնի միակ այլ բանական էակները), ու անհետացել է մարսյան քաղաքակրթության հետ միաժամաակ։ Սակայն պրոֆեսոր Ֆորստերը ավելի համարձակ գաղափարներ ուներ․ նա համոզված էր, «X քաղաքակրթությունը» արեգակնային համակարգություն էր թափանցել միջաստղային տարածությունից, և նրան զայրացնում էր, որ իրենից բացի ոչ ոք չէր հավատում այդ տեսությանը։ Ասենք, այնքան էլ չէր զայրացնում, քանի որ նա այն մարդկանցից էր, որոնք երջանիկ են զգում իրենց, երբ փոքրամասնության մեջ են։
Լսելով պրոֆեսոր Ֆորստերի պատմությունը իր պլանի մասին, ես խցի լուսանցույցից նայում էի Յուպիտերին։ Դա մի հոյակապ տեսարան էր․ ես պարզորոշ նշմարում էի հասարակածային ամպագոտիները, մոլորակին մոտ փոքրիկ աստղերի նման երևում էին նաև արբանյակներից երեքը։ «Նրանցից ո՞րն է Գանիմեդը, մեր առաջին խարսխակայանը», ― հարցնում էի ինքս ինձ։
― Եթե Ջաքը մեզ շնորհ անի իր ուշադրությամբ, ― շարունակեց պրոֆեսորը, ― ես ձեզ կբացատրեմ, թե ինչու ենք մենք կտրում֊անցնում այսքան ճանապարհը։ Ձեզ հայտնի է, որ անցյալ տարի ես բավականին ժամանակ կորցրի Մերկուրիի մթնալույսի գոտում եղած ավերակները փորփորելով։ Հավանաբար, դուք թերթերից գիտեք այդ հարցի շուրջ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում կարդացած դասախոսությունների մասին։ Թերևս նույնիսկ ներկա եղած լինեք այնտեղ, ― ես հիշում եմ, որ աղմկում էին դահլիճի վերջին շարքերում․․․ Հա ինչ էի ասում․ մի հարցի մասին ես չխոսեցի այն ժամանակ, որ Մերկուրիի վրա ես հայտնաբերել եմ «X քաղաքակրթության» ծագման գաղտնիքի մի կարևոր բանալի։ Ես այդ մասին լռեցի, թեև սիրտս կսկծում էր, երբ դոկտոր Հոտոնի նման հիմարները փորձում էին ծաղրի առարկա դարձնել ինձ։ Սակայն ես չէի ուզում ռիսկի դիմել, որպեսզի մինչև այս արշավախումբը՝ ուրիշ որևէ մեկը չգար այստեղ։
Մերկուրիի վրա հայտնաբերածներիս մեջ էր արեգակնային համակարգության պատկերով բավականին լավ պահպանված մի խորաքանդակ։ Իհարկե, դա առաջինը չէր, որ հայտնաբերվել էր․ ինչպես գիտեք, Մարսի և «X քաղաքակրթության» արվեստի գործերում աստղագիտական մոտիվները հաճախ են հանդիպում։ Բայց այստեղ, մի քանի մոլորակների, ներառյալ Մարսն ու Մերկուրին, կողքին դրված էին ինչ֊որ անհասկանալի նշաններ։ Ես կարծում եմ, որ այդ նշանները ինչ֊ինչ առնչություն ունեն «X քաղաքակրթության» պատմության հետ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ չգիտես ինչու հատուկ ուշադրություն է դարձվում փոքրիկ Յուպիտեր Հինգի վրա, որը թերևս ամենաանշանն է Յուպիտերի արբանյակների մեջ։ Ես համոզված եմ, որ հենց այնտեղ կարելի է գտնել «X քաղաքակրթության» պրոբլեմի բանալին, ― ահա թե ինչու եմ ես թռչում այնտեղ։
Որքան ես հիշում եմ, պրոֆեսորի պատմությունը առանձնապես տպավորություն չգործեց ո՛չ Բիլի, ո՛չ էլ ինձ վրա։ Ենթադրենք, թե «X քաղաքակրթության» մարդիկ եղել են «Հինգի» վրա և ինչ֊որ նկատառումներով այնտեղ թողել են իրենց շինածոները։ Անշուշտ, հետաքրքիր կլինի պեղել և հայտնաբերել դրանք, բայց հազիվ թե այնքան կարևոր լինեն դրանք, ինչպես պրոֆեսորն է կարծում։ Հավանաբար մենք հուսախաբ արինք նրան, որ չխանդավառվեցինք պատմածով։ Եթե դա այդպես է, ապա մեղքը իրենն է, որովհետև (ինչպես ավելի ուշ պարզվեց) նա էլի ինչ֊որ բան թաքցնում էր մեզանից։
Գանիմեդի՝ Յուպիտերի ամենամեծ արբանյակի վրա մենք վայրէջք կատարեցինք մոտ մեկ շաբաթ հետո։ Գանիմեդը արբանյակներից միակն է, որ մշտական խարսխակայան ունի․ այնտեղ գործում են աստղադիտարան և գեոֆիզիկական կայան մոտ հիսուն գիտնականներով։ Նրանք միշտ ուրախ են այցելուներին, բայց մենք երկար չմնացինք այնտեղ, որովհետև պրոֆեսորը շտապում էր վառելիքը լրացնել և նորից ճանապարհ ընկնել։ Այն հանգամանքը, որ մենք ճամփա էինք ընկել դեպի «Հինգը», բնական է, հետաքրքրում էր բոլորին։ Բայց պրոֆեսորը լռում էր, իսկ մենք չէինք համարձակվում խոսել․ նա աչքը չէր կտրում մեզանից։
Գանիմեդը, ի միջի այլոց, շատ ուշագրավ տեղ է, և վերադարձի ճանապարհին մենք նրան ծանոթացանք ավելի հանգամանորեն։ Բայց, քանի որ ես խոստացել եմ նրա մասին հոդված գրել մեկ այլ ամսագրի համար, գերադասեցի այլևս ոչինչ չասել այստեղ։ (Աշխատեցեք բաց չթողնել «Ազգային աստղագիտական հանդեսի» գալիք գարնանային համարը)։
Գանիմեդից դեպի «Հինգը» կատարած մեր ցատկը տևեց օր ու կեսից մի փոքր ավելի։ Մեզ մի տհաճ զգացում էր պատել, երբ նայում էինք ժամ առ ժամ ահագնացող Յուպիտերին, որը կարծես ուր որ է լցնելու էր ողջ երկնակամարը։ Ես աստղագիտությունից շատ չեմ հասկանում, բայց ինձ սարսափ էր պատում, երբ մտածում էի այն վիթխարի ձգողական դաշտի մասին, որի մեջ ընկղմվում էինք մենք։ Ինչ ասես, որ չէր կարող պատահել։ Ասենք, սպառվեր վառելիքը, և մենք այլևս չէինք կարող վերադառնալ Գանիմեդ, ու նույնիսկ կարող էինք ընկնել ուղղակի Յուպիտերի վրա։
Ես փափագում էի նկարագրել այդ տեսարանը․ մի վիթխարի պտտվող գունդ՝ իր փոթորկահույզ գոտիներով։ Ճիշտն ասած, ես այդպիսի փորձ կատարեցի, սակայն որոշ գրականագետ բարեկամներ, որոնք կարդացել էին այս ձեռագիրը, խորհուրդ տվեցին հանել այդ մասը։ (Նրանք շատ այլ խորհուրդներ էլ տվեցին ինձ, որոնց սակայն, ես լուրջ ուշադրություն չդարձրի, այլապես այս պատմվածքը ընդհանրապես լույս չէր տեսնի)։
Բարեբախտաբար այժմ Յուպիտերի այնքան շատ դիմահայաց գունավոր լուսանկարներ կան հրապարակի վրա, որ անպայման տեսած կլինեք դրանցից մի քանիսը։ Դուք, նույնիսկ, կարող է տեսած լինեք նաև այն լուսանկարը, որը (ինչպես ես կբացատրեմ ավելի ուշ) մեր ամբողջ անախորժությունների պատճառը դարձավ։
Վերջապես Յուպիտերը դադարեց ահագնանալ․ մենք ընկանք «Հինգի» ուղեծիրը, և ուր֊որ է պետք է հասնեինք գողտրիկ լուսնյակին, որը պտտվում էր իր մոլորակի շուրջը։ Մենք բոլորս խռնվել էինք նավախցիկում, որպեսզի որքան կարելի է շուտ տեսնեինք մեր նպատակակետը, ― համենայն դեպս, նրանք, ովքեր կարողացել էին ներս մտնել։ Բիլը և ես մնացել էինք մուտքի մոտ, և ջանում էինք որևէ բան տեսնել մյուսների գլխի վրայով։ Քինգսլեյ Սըրլը, մեր օդաչուն, ինչպես միշտ՝ անվրդով նստած էր ղեկի մոտ, ինժեներ Էրիկ Ֆուլտոնը մտազբաղ կծոտում էր իր բեղերը և հետևում վառելիքաչափին, իսկ Թոնի Գրովզը ինչ֊որ բարդ գործողություններ էր կատարում նավարկության ապարատների վրա։
Պրոֆեսորը ասես ձուլվել էր հեռադիտակի աչանոցի հետ։ Հանկարծ նա ցնցվեց, և մենք լսեցինք մի խոր հառաչանք։ Ապա, առանց խոսք ասելու, նա նշան արեց Սըրլին, որը տեղ գրավեց աչանոցի մոտ։ Ճիշտ նույնը կատարվեց նրա հետ, և Սըրլին փոխարինեց Ֆուլտոնը։ Այլևս համը դուրս եկավ, երբ Գրովզը նույնպես ցնցվեց, և մենք ներս խցկվեցինք ու մի փոքր դիմադրությունից հետո ինքներս սկսեցինք դիտել։
Ես լավ չգիտեի, թե ինչ եմ սպասում տեսնել, և թերևս այդ էր պատճառը, որ հուսախաբ եղա։ Այնտեղ՝ երկնքում կախված էր մի գողտրիկ կորնթարտ լուսնյակ, նրա «գիշերային» հատվածը աղոտ լույս էր անդրադարձնում Յուպիտերի փառապսակից։ Եվ, կարծես, ուրիշ ոչինչ։
Այնուհետև ես սկսեցի նշմարել նորանոր բաներ, ինչպես այդ պատահում է, երբ բավականին երկար ես նայում հեռադիտակով։ Արբանյակի վրա երևում էին ինչ֊որ թույլ խառնիխուռն գծեր, և հանկարծ իմ աչքը ընկալեց նրանց ընդհանուր պատկերը։ Այդ գծերը Յուպիտեր Հինգի մակերեսը ակոսում էին երկրաչափական նույնպիսի ճշտությամբ, ինչպես լայնության ու երկարության զուգահեռականները Երկրի գլոբուսի վրա։ Ըստ երևույթին, ես զարմանքի բացականչություն էի արձակել, որովհետև Բիլը ինձ մի կողմ հրեց ու ինքը սկսեց նայել։
Այնուհետև ես հիշում եմ պրոֆեսոր Ֆորստերի վերին աստիճանի ինքնահավան ու պճնոտ հայացքը, երբ մենք հարցերի տարափ տեղացինք նրա վրա։
― Ինչ խոսք, ― բացատրեց նա, ― դա ինձ այնքան էլ չի զարմացնում, ինչպես ձեզ։ Յուպիտերի վրա իմ հայտնաբերած խորաքանդակից ես այլ տվյալներ նույնպես ունեի։ Գանիմեդի աստղադիտարանում ես մի բարեկամ ունեմ, որին վստահել եմ իմ գաղտնիքը, և վերջին մի քանի շաբաթում նա լարված աշխատել է ինձ համար։ Աստղագիտությունից հեռու կանգնած մարդու համար բավականին զարմանալի կթվա, որ աստղադիտարանը քիչ է զբաղվել արբանյակներով։ Ամենահզոր գործիքները ուղղված են արտագալակտիկական միգամածություններին, իսկ փոքրերը՝ միայն ու միայն Յուպիտերին։
Միակ բանը, որ աստղադիտարանի աշխատակիցները երբևէ ձեռնարկել են «Հինգի» նկատմամբ, եղել է այն, որ չափել են նրա տրամագիծը և մի քանի լուսանկարներ արել։ Դրանք այնքան էլ հաջող չեն եղել, որպեսզի ցույց տային այն երևույթները, որ մենք հենց նոր դիտեցինք, այլապես այդ հարցով կզբաղվեին իր ժամանակին։ Սակայն իմ բարեկամ Լոութոնը դրանք հայտնաբերեց հարյուրսանտիմետրանոց անդրարկուով, երբ ես խնդրեցի դիտել «Հինգը»։ Բացի այդ նա նկատել է ևս մի հանգամանք, որը պետք է վաղուց ուշադրություն գրաված լիներ։ Յուպիտեր Հինգը ընդամենը երեսուն կիլոմետր տրամագիծ ունի, բայց նա իր ծավալի համեմատ շատ ավելի պայծառ է։ Երբ համեմատում ես նրա արտացոլիչ ունակությունը, նրա ալդե․․․ նրա․․․
― Նրա ալբեդոն։
― Շնորհակալ եմ, Թոնի, ― նրա տեսակարար ճերմակությունը այլ լուսինների ալբեդոնների հետ, ապա նկատում ես, որ նա շատ ավելի լավ արտացոլիչ է, քան պետք է լիներ։ Արտացոլում է որպես հղկված մետաղ, այլ ոչ թե որպես ապառաժ։
― Ահա թե ինչ, ― բացականչեցի ես։ ― «X քաղաքակրթության» մարդիկ հավանաբար «Հինգը» ծածկել են պատյանով՝ այն գմբեթների պես, որ նրանք կառուցել են Մերկուրիի վրա, բայց շատ ավելի մեծ չափերով։
Պրոֆեսորը ինձ նայեց ակնհայտ կարեկցանքով։
― Եվ այդպես, դուք դեռևս չեք կռահել, ― ասաց նա։
Ես չեմ կարծում, որ դա այնքան էլ դյուրին լիներ։ Իսկապես, արդյո՞ք դուք ավելի շուտ գլխի կընկնեիք նման պարագաներում։
Երեք ժամ հետո մենք վայրէջք կատարեցինք մի վիթխարի մետաղյա հարթավայրում։ Լուսանցույցներից դուրս նայելիս ես ինձ գաճաճ էի զգում շրջապատի համեմատ։ Մոտավորապես նույն բանը պետք է զգար նավթամբարի վրա մագլցող մրջյունը։ Դրությունը չէր փրկում նաև այնտեղ՝ երկնքում կախված Յուպիտերի ահռելի զանգվածը։ Նույնսիկ պրոֆեսորի սովորական աքլորանալը կարծես տեղի էր տվել մի տեսակ ակնածու ահի։
Հարթավայրը ամենևին էլ զուրկ չէր խորդուբորդություններից։ Նրա ծայրից ծայր, տարբեր ուղղություններով ձգվում էին լայն գոտիներ, որոնք միմյանց էին կապում մետաղյա հսկայական տախտակները։ Այս գոտիները կամ նրանց կազմած խառնիխուռն պատկերն էլ մենք տեսնում էինք տիեզերքից։
Մի քառորդ կիլոմետրի վրա կար մի բլուր, կամ դրա նման ինչ֊որ մի բան, որը բլուր կթվար Երկրի վրա։ Մենք այն նշմարել էինք դեռևս այստեղ գալիս, երբ տիեզերքից աչալուրջ զննում էինք փոքրիկ արբանյակը։ Դա նման վեց ելուստներից մեկն էր, որոնցից չորսը զուգահեռաբար դասավորված էին հասարակածի շուրջը, իսկ մյուս երկուսը՝ բևեռներում։ Բավականին մեծ հավանականություն կար, որ դրանք պետք է լինեն այն մուտքերը, որոնք տանում են դեպի մետաղյա պարկուճի մեջ ամփոփված աշխարհը։
Ես գիտեմ, որոշ մարդիկ մտածում են, որ շատ գրավիչ պետք է լինի տիեզերահագուստով՝ օդից զուրկ, փոքր ձգողականություն ունեցող մոլորակի վրա զբոսնելը։ Բոլորովին էլ այդպես չէ։ Այնտեղ մտածելու, ստուգելու և զգուշանալու այնքան բան կա, որ մտային լարումը ընկճում է ակնաթովչանքը, գոնե ես այդպես եմ գտնում։ Բայց ես պետք է խոստովանեմ, որ այս անգամ, երբ մենք դուրս սողացինք օդախցից, ես այնքան էի հուզված, որ սկզբում չնկատեցի այդ բաները։
Յուպիտեր Հինգի ձգողականությունը այնքան չնչին է, որ քայլելը պարզապես խաղուպար է։ Ալպինիստների նման միմյանց կապված՝ մենք առաջ էինք խաղում մետաղյա դաշտավայրով՝ օգտագործելով մեր հրթիռային ատրճանակների հետահար ճայթյունները։ Փորձառու աստղագնացները՝ Ֆուլտոնն ու Գրովզը, եզրափակում էին շղթայի երկու ծայրերը, այնպես, որ մեջտեղում եղողների ամեն մի անխոհեմ քայլը կանխվում էր։
Ընդամենը մի քանի րոպե պահանջվեց մեզ նպատակակետին հասնելու համար, որը ինչպես պարզվեց, մի ընդարձակ, ցածր գմբեթ էր, առնվազն մեկ կիլոմետր շրջագծով։ Իսկ գուցե դա մի հսկայական օդախե՞ց է, որով ելումուտ են արել տիեզերանավերը։ Միևնույն է, միայն բախտի բերմամբ մենք կարող էինք մուտք գործել նրա մեջ, քանի որ մեխանիզմը, անշուշտ, այլևս չէր գործում, իսկ եթե նույնիսկ գործելու էլ լիներ, մենք նրանից գլուխ չէինք հանի։ Ավելի տաժանակիր բան, քան դրսում մնալը, երբ զրկված պետք է լինեինք պատմության մեծագույն հնագիտական հայտնաբերումը տեսնելու հնարավորությունից, չէր կարելի պատկերացնել։
Մենք քառորդ շրջան հազիվ էինք կատարել գմբեթի շուրջը, երբ մի բացվածք նկատեցինք մետաղյա խեցու մեջ։ Այն մեծ չէր (հազիվ երկու մետր բարձրությամբ), փոքր֊ինչ բոլորաձև, և մի պահ մենք գլխի չընկանք, թե ինչ է այդ։ Ապա ռադիոյով լսվեց Թոնիի ձայնը․
― Դա արհեստական չէ։ Դրա համար մենք պարտական ենք ինչ֊որ մետեորի։
― Չի կարող պատահել, ― առարկեց պրոֆեսորը։ ― Նա շատ կանոնավոր է։
Թոնին համառում էր։
― Խոշոր մետեորները սովորաբար բաց են անում բոլորաձև անցքեր, քանի որ նրանք հարվածում են ուժգին և հանկարծակի։ Ապա մի նայեցեք ծառերին․ անմիջապես երևում է, որ տեղի է ունեցել պայթյուն։ Մետեորն ու խեցին գոլորշիացել են, և մենք հազիվ թե որևէ բեկոր գտնենք։
― Դուք ակնկալո՞ւմ էիք այդպիսի մի բան, ― մեջ բերեց Քինգսլին։ ― Ե՞րբ է տեղի ունեցել այդ։ Հինգ միլիոն տարի առա՞ջ։ Զարմանալի է, թե ինչու չտեսանք մեկ այլ խառնարան։
― Գուցև դուք ճիշտ եք, ― ասաց պրոֆեսորը, որը հաճույք էր զգում առարկելիս։ ― Այնուամենայնիվ, ես առաջինն եմ ներս մտնում։
― Ճիշտ այդպե՛ս, ― ասաց Քինգսլին, որին որպես նավապետի՝ վերջին խոսքն էր հասնում նման դեպքերում։ ― Ես ձեզ կտամ քսան մետր պարան և կնստեմ խոռոչի եզրին, որպեսզի կարողանանք ռադիոկապ պահպանել միմյանց հետ։ Այլապես այս խեցին կխլացնի ձեր ազդանշանները։
Եվ այսպես, պրոֆեսորը առաջին մարդն էր, որ մուտք գործեց Յուպիտեր Հինգի մեջ, ― պատիվ, որին նա արժանի էր հիրավի։ Մենք հավաքվեցինք Քինգսլիի շուրջը, որը լուրեր էր ստանում պրոֆեսորի առաջխաղացման մասին։
Ֆորստերը շատ հեռուն չգնաց։ Ինչպես և ենթադրում էինք, արտաքին պատյանի տակ մեկ այլ պատյան կար։ Պրոֆեսորը հասակով մեկ կանգնեց դրանց միջև, ու որքան նրա ջահն էր լուսավորում, կարողացավ տեսնել հենակների ու գերանների մի ամբողջ շարք, ուրիշ ոչինչ։
Եվս քսանչորս ձանձրալի ժամեր անցան, մինչ մենք հաջորդ քայլը կատարեցինք։ Հիշում եմ, այդ ժամանակ էր, որ ես պրոֆեսորին հարցրի, թե ինչու նա չմտածեց պայթուցիչները օգտագործելու մասին։ Նա մի խայթող հայացք նետեց․
― Տիեզերանավում բավականին պայթուցիչ կա, որպեսզի մեզ այն աշխարհը տանի, ― ասաց նա։ ― Բայց ես չեմ ուզում ռիսկի դիմել, երբ կարելի է այլ ելք գտնել։
Այ քեզ համբերություն։ Ասենք, ես նրան հասկանում էի։ Իսկապես, ի՞նչ նշանակություն ուներ նրա համար մի ավելորդ օրը, երբ նա արդեն քսան տարի որոնում էր։
Բիլ Հավկինսն էր, որ գտավ դեպի ներս տանող մուտքը։ Այդ փոքրիկ աշխարհի հյուսիսային բևեռի մոտ նա հայտնաբերեց մի հսկայական մետեորային ճեղք՝ մոտ հարյուր մետր երկարությամբ, որը կտրում֊անցնում էր Յուպիտեր Հինգը պարփակող արտաքին երկու պատյանները։ Ճիշտ է, դրանցից ցած, խորքում, մենք հայտնաբերեցինք մի շերտ ևս, բայց ի բարեբախտություն մեզ, նկատեցինք, որ մեկ ուրիշ, ավելի փոքրիկ մետեոր ներս է խուժել խառնարանով ու թափանցել ամենաներքին շերտը։ Երրորդ ճեղքվածքը այնքան էլ մեծ չէր, և տիեզերահագուստով մարդը հազիվհազ կարող էր ներս մտնել։ Մեկ առ մեկ մենք անցքից ներս սուզվեցինք։
Ավելի արտառոց զգացում, քան կախ ընկնելը այդ հսկայական մառանում, ինչպես սարդը Ս․ Պողոսի տաճարի կամարների տակ, ես չէի պատկերացնում։ Մենք միայն գիտեինք, որ բավականին լայնարձակ էր այն տարածությունը, որի մեջ մենք ճոճվում էինք։ Իսկ թե որքան ընդարձակ էր այն, մենք չէինք կարող դատել, որովհետև մեր ջահերի լույսը տարածության գաղափար չէր տալիս։ Օդից ու փոշուց զուրկ այս անձավում ճառագայթները, պարզապես տեսանելի չէին, և երբ մենք դրանք ուղղում էինք դեպի առաստաղը, տեսնում էինք հեռվում խաղացող ձվաձև լուսափունջը, որը աստիճանաբար ցրվում և կորչում էր։ Իսկ, երբ մենք այն ուղղում էինք դեպի «ցած», երևում էր շատ աղոտ մի լույս, որի տակ ոչինչ չէր կարելի նշմարել այնտեղ։
Շատ դանդաղ, այս գողտրիկ աշխարհի չնչին ձգողականության տակ, մենք ցած էինք ընկնում, մինչև մեզ վտանգազերծող պարանները արգելում էին հետագա անկումը։ Հեռու՝ գլխավերևում երևում էր փոքրիկ փայլփլող շրջանակը, որտեղից մենք ներս էինք մտել․ բավականին հեռու էր, բայց և այնպես, հույս էր ներշնչում։
Ու մինչ ես իմ պարանի ծայրին կապված ճոճվում էի մի անչափ ծույլ ճոճանակի նման, իսկ իմ շուրջը, ասես առկայծող աստղեր, պտտվում էին մյուս լապտերները, հանկարծ մի ճշմարտություն ճառագեց իմ գլխում։ Մոռանալով, որ բոլորի ռադիոֆոնները լարված էին միևնույն ալիքի վրա, ես բղավեցի․
― Պրոֆեսոր, ես ամենևին էլ չեմ հավատում, որ սա մոլորակ է։ Սա մի տիեզերանավ է։
Ես ընդհատեցի դատողություններս, զգալով, որ հիմարություն եմ ասում։ Հաջորդեց մի կարճատև լարված լռություն, ապա սկիզբ առավ մի աղմկալի բարբաջանք՝ բոլորը խոսում էին միաժամանակ։ Պրոֆեսոր Ֆորստերի ձայնը սաստեց աղմուկը, և ես նկատեցի, որ նա զարմացած է ու գոհ։
Դուք միանգամայն ճիշտ եք, Ջաք։ Սա այն տիեզերանավն է, որը արեգակնային համակարգություն է բերել «X քաղաքակրթությունը»։
Ես լսեցի, թե ինչպես ինչ֊որ մեկը (կարծեմ Էրիկ Ֆուլտոնն էր) թերահավատությամբ մի «հըմ» արձակեց։
― Աներևակայելի է։ Երեսուն կիլոմետր երկայնքով տիեզերանա՞վ։
― Այդ բանը ձեզ ավելի լավ պետք է հայտնի լինի, ― անսպասելի մեղմությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Պատկերացրեք, որ մի քաղաքակրթություն մտադրվել է կտրել֊անցնել միջաստղային տարածությունը՝ այլ կերպ նա ինչպե՞ս պետք է լուծեր այդ պրոբլեմը։ Միայն այդպես․ անջրպետից դուրս գալով, նա պետք է ստեղծեր կառավարվող մոլորականման մի բան, թեկուզև դրա վրա չարչարվեր դարեր ու դարեր։ Եվ քանի որ այն պետք է լիներ մի ինքնուրույն աշխարհ՝ սեփական բնակչության մի քանի սերնդով, հենց այսպիսի մեծություն պետք է ունենար։ Ես ինքս ինձ հարցնում էի, թե մինչև մեր արևը գտնելը, տեսնես քանի՞ արևներ են այցելել նրանք և, վերջապես, համոզվել, որ գտել են իրենց որոնածը։ Նրանք, ըստ երևույթին, ունեցել են նաև ավելի փոքր տիեզերանավեր, որոնցով այցելել են մոլորակներ, իսկ մայր֊տիեզերանավը թողել են տիեզերքում ինչ֊որ տեղ։ Ուրեմն, նրանք այն կառանել են հենց այստեղ, ամենամեծ մոլորակի մերձակա ուղեծրում, որտեղ մեկընդմիշտ ապահով կլիներ, և կամ երբ պետք գար այն նորից։ Դա մի շատ պարզ տրամաբանություն էր, եթե նրանք այն զետեղեյին Արեգակի շուրջը ուղեծրում, ժամանակի ընթացքում մոլորակների ձգողական ուժերը այնպես կխախտեին նրա ուղեծիրը, որ այլևս այն հնարավոր չէր լինի գտնել։ Իսկ այստեղ այդ բանը երբեք չի պատահի։
― Ասացեք, խնդրեմ, պրոֆեսոր, ― հարցրեց ինչ֊որ մեկը, ― դուք այդ ամենը ենթադրում էիք մինչև այստեղ գա՞լը։
― Ես ակնկալում էի այդ․․․ Բոլոր հիմքերը կային նման ենթադրության համար։ Շարունակ ինչ֊որ տարօրինակություն է եղել Հինգերորդ արբանյակի վարքագծում, թեպետ մինչ այժմ կարծես ոչ ոք չի նկատել այդ բանը։ Ինչո՞ւ է այս միակ փոքրիկ լուսինը այդքան մոտ Յուպիտերին, երբ մյուս բոլոր փոքրիկ արբանյակները յոթանասուն անգամ ավելի հեռու են գտնվում։ Աստղագետների տեսակետից, դա իմաստից զուրկ է։ Բայց բավական է շաղակրատենք։ Մենք շատ անելիքներ ունենք։
Եվ այն էլ ինչպիսի աշխատանք։ Մենք՝ յոթ հոգիս, ականատես էինք բոլոր ժամանակների ամենամեծ հնագիտական հայտնագործությանը։ Գրեթե մի ամբողջ աշխարհ, թող որ փոքրիկ, արհեստական, բայց այնուամենայնիվ աշխարհ, սպասում էր մեր հետազոտական աշխատանքներին։ Արագ և մակերեսային հետազոտություն, ― ահա այն ամենը, ինչ մենք կարող էինք անել․ այստեղ գիտահետազոտական աշխատանքի նյութ կար մի քանի սերնդի համար։
Առաջին քայլը, որ մենք կատարեցինք՝ տիեզերանավից սնվող մի հզոր լուսարձակ իջեցնելն էր խոռոչի մեջ։ Դա կծառայեր որպես մի փարոս, կփրկեր մեզ կորչելուց, ինչպես նաև կլուսավորեր արբանյակի ներսը։ (Նույնիսկ այժմ ես դժվարանում եմ «Հինգը» նավ կոչել)։ Ապա մենք ցած նետվեցինք ներքին մակերեսից, որտեղ կանգնած էինք, և ընկանք մոտ մեկ կիլոմետր։ Նման փոքր ձգողականության պայմաններում անկումը միանգամայն անվնաս էր․ փափուկ հարվածը ամբողջովին մարում էինք ճկուն ձեռնափայտերի օգնությամբ, որ մենք կրում էինք հենց այդ նպատակով։
Ես չեմ ուզում այստեղ ժամանակ վատնել արբանյակ «Հինգի» այլևայլ աշխատանքները նկարագրելու վրա․ արդեն բավականին լուսանկարներ, քարտեզներ ու գրքեր կան այդ մասին։ (Ի դեպ, իմ գիրքը լույս կտեսնի հաջորդ ամառ «Սիջվիք էնդ Ջեքսոն» հրատարակչության կողմից)։ Այն, ինչ ես ուզում եմ պատմել դրա փոխարեն, այդ տարօրինակ մետաղե աշխարհը մտած առաջին մարդկանց զգացումներն են։ Բայց ես ներողություն եմ խնդրում (գիտեմ նույնիսկ անհավատալի կթվա), որ չեմ կարող հիշել, թե ինչ էի զգում, երբ մենք ներս մտանք այդ խոշոր սնկանման մուտքից։ Ես կարծում եմ, այնքան հուզված և ապշահար էի տեսածիցս, որ պարզապես մոռացել եմ որոշ մանրամասներ։ Սակայն ես հիշում եմ, թե ինչպիսի տպավորություն գործեց ինձ վրա կառուցվածքի մեծությունը, մի բան, որ երբեք չի կարող հաղորդել որևէ լուսանկար։ Յուպիտեր Հինգը ստեղծողները, որոնք եկել էին փոքր ձգողականություն ունեցող մոլորակից, իսկական հսկաներ են եղել՝ մոտ չորս անգամ ավելի բարձրահասակ, քան մարդը։ Եվ մենք թզուկների պես վխտում էինք նրանց շինությունների մեջ։
Մեր առաջին այցելության ժամանակ մենք արտաքին շերտերից ցած չիջանք, այնպես որ տեսանք միայն մի քանիսը գիտական այն հրաշալիքներից, որոնք հայտնաբերվեցին հետագա արշավախմբերը։ Եվ դա, իրոք, այդպես էր․ միայն բնակելի հատվածների ուսումնասիրությունը մեզանից կպահանջեր մի քանի սերնդի կյանք։ Մեր ուսումնասիրած գունդը, ներսից, ըստ երևույթին, մի ժամանակ լուսավորվել է արհեստական արևի լույսով, որի աղբյուրը եղել է նրա մթնոլորտը տիեզերքի խուժումից պահպանող եռակի պատյանը։ Գնդի վրա յուպիտեցիները (ես կարծում եմ, որ չեմ կարող մի հատուկ անուն չընդունել «X քաղաքակրթության» բնակիչների համար) ճիշտ և ճիշտ վերարտադրել են այն աշխարհի պայմանները, որը նրանք թողել են հայտնի չէ քանի դար առաջ։ Հավանաբար ունեցել են նաև, օր ու գիշեր, տարվա փոփոխվող եղանակներ, անձրև և մշուշ։ Նրանք իրենց հետ տարագրություն էին վերցրել նույնիսկ մի փոքրիկ «ծով»։ Այնտեղ դեռևս ջուր կար, որն իրենից ներկայացնում էր երեք կիլոմետր երկայնքով մի սառած լիճ։ Ասում են, որ արտաքին պատյանի վրա եղած մետեորային ճեղքերը կալնելուն պես, լճի ջուրը կարելի է էլեկտրոլիզի ենթարկել և նորից շնչելի մթնոլորտ մատակարարել Յուպիտեր Հինգին։
Որքան շատ էինք ծանոթանում նրանց գործերին, այնքան ավելի համակրելի էին դառնում մեզ այն էակները, որոնց տիրույթների անդորրը խանգարել էինք մենք անցած հինգ միլիոն տարվա մեջ առաջին անգամ։ Եվ նույնիսկ, եթե նրանք եղել են այլ արեգակնային համակարգություններից ժամանած հսկաներ, ապա ընդհանուր շատ բան են ունեցել մարդու հետ, և մեծ ողբերգություն է, որ մեր քաղաքակրթությունները միմյանց չեն հանդիպել, տիեզերական չափերով ասած, ինչ֊որ վայրկյանների տարբերությամբ։
Ես կարծում եմ, մենք ամենաբախտավոր հնագետներն էինք պատմության մեջ։ Տիեզերական դատարկությունը ամեն ինչ պահպանել էր քայքայումից և (սա մի անսպասելի իրողություն էր) յուպիտերցիները արեգակնային համակարգության յուրացմանը ձեռնարկելիս իրենց նավը չէին զրկել նրա գանձերից։ Այստեղ, Յուպիտեր Հինգի ներքին մակերեսի վրա, կարծես ամեն ինչ անեղծ էր մնացել, ինչպես տիեզերանավի երկար ճանապարհորդության վերջում։ Թերևս, ճանապարհորդները այն պահպանել են որպես մի սրբարան, և հիշատակ իրենց լքյալ հայրենիքի, կամ թե մտածել են, որ օրերից մի օր գուցե նորից օգտվեն այդ ամենից։
Ինչևիցե, այստեղ ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես նրանց արարիչներն էին թողել։ Երբեմն նույնիսկ երկյուղ էր պատում ինձ։ Երբ Բիլի օգնությամբ լուսանկարում էի մի հրաշալի որմնանկար, հանկարծ ժամանակավրեպության մի զգացում պատեց սիրտս։ Ես անհանգիստ նայեցի շուրջս, կարծես սպասում էի տեսնել տիատանական էակների, որոնք ուր որ է ներս կգան այդ դռներից՝ շարունակելու համար մի պահ ընդհատված իրենց գործը։
Պատկերասրահը մենք հայտնաբերեցինք չորրորդ օրը։ Այլ անուն չես կարող տալ նրան՝ դա հենց պատկերասրահ էր։ Երբ Գրովզն ու Սըրլը, որոնք մի շտապ ռեյդ էին կատարում հարավային կիսագնդում, զեկուցեցին հայտնագործության մասին, մենք որոշեցինք մեր բոլոր ուժերը կենտրոնացնել այնտեղ։ Որովհետև մենք այն կարծիքին էինք, որ արվեստը ժողովրդի հոգեկան աշխարհի արտահայտությունն է, և հենց այստեղ մենք կգտնեինք «X քաղաքակրթության» գաղտնիքի պատասխանը։
Շինությունը վիթխարի էր, նույնիսկ, այս տիտանական մարդկանց մասշտաբների համեմատ։ Յուպիտեր Հինգի բոլոր մյուս կառույցների նման, սա ևս պատրաստված էր մետաղից, բայց կարծես անձեռակերտ լիներ։ Ամենաբարձր աշտարակը համարյա հասնում էր այդ աշխարհի հեռավոր տանիքին, և մեր կանգնած տեղից (որտեղից մանրամասները չէին երևում) շենքը հիշեցնում էր մի գոթական տաճար։ Այդ դիպվածային նմանությունից խաբված, որոշ հեղինակներ հետագայում այն անվանեցին տաճար։ Բայց մենք չհայտնաբերեցինք որևէ հետք այն բանի, որ յուպիտերցիների մոտ կարող էր հիշեցնել կրոնը։ Այլ բան է՝ «Արվեստի տաճար» արտահայտությունը, որն այնպես մտավ սովորության մեջ, որ այլևս ոչ ոք չի կարող փոխել այն։
Մոտավորապես հաշվել են, որ միայն այդ շենքում կա 10―12 միլիոն ցուցանյութ՝ ողջ պատմության ընթացքում ամբարած հարստությունը մի ժողովրդի, որը հավանաբար շատ ավելի հին է եղել, քան մարդկությունը։ Եվ հենց այստեղ էր, որ ես հայտնաբերեցի մի փոքրիկ շրջանաձև սենյակ, որը առաջին հայցաքից թվաց ճյուղավորվող վեց միջանցքների խաչմերուկ։ Ես միայնակ էի։ Մութ պատերը լռելյայն ծփում էին ետ, երբ ես սահուն առաջ էի շարժվում, իսկ իմ լապտերի լույսը թռվռում էր առաստաղի վրա։ Առաստաղն ամբողջովին ծածկված էր խորաքանդակ տառերով, և ես այնքան տարված էի դրանց ուսումնասիրությամբ, որ իմ ուշադրությունից վրիպել էր սրահում եղած չեղածը։ Հանկարծ աչքովս ընկավ մի արձան, և ես լապտերս ուղղեցի նրա վրա։
Երբ առաջին անգամ տեսնում ես արվեստի մի գլուխգործոց, երբեմն այնքան տպավորիչ է լինում, որ անհնարին է վերապատմել։ Այս դեպքում տպավորությունը շատ ավելի ցնցող էր, որովհետև ես առաջին մարդն էի, որ երբևէ տեսնում էր, թե ինչպիսին են եղել յուպիտերցիները։ Այո֊այո, ակներև էր, որ իմ առջև կանգնած էր բնորինակից քանդակված մի յուպիտերցի, և ինչպե՜ս էր քանդակված՝ իսկապես վարպետի ձեռքով։
Նրա նեղ, սողունի գլուխը թեքված էր դեպի մի կողմ, սառած աչքերը նայում էին ուղիղ վրաս։ Ձեռքերից վերին երկուսը սեղմված էին կրծքին, ասես խոնարհվելիս լիներ, մյուս երկուսը բռնել էին մի գործիք, որի նշանակությունը դեռևս հայտնի չէ։ Զորավոր պոչը (որը կենգուրուի պոչի նման, ըստ երևույթին, հենարան էր ծառայում մարմնի համար) տարածվում էր գետնին, ավելի ընդգծելով հանգստի կամ դադարի տպավորությունը։
Մարդկային ոչինչ չկար նրա դեմքի արտահայտության և մարմնի կեցվածքի մեջ։ Օրինակ, նա չուներ ռունգեր՝ միայն խռիկանման անցքեր կային վզի վրա։ Այնուամենայնիվ, արձանը ինձ հուզեց խորապես․ արվեստագետը ժամանակի և մշակույթի անջրպետը հաղթահարել էր մեզ համար մի աներևակայելի եղանակով։ «Մարդ էակ չէ, բայց ինչքա՜ն մարդկային է», ― այսպիսին էր պրոֆեսոր Ֆորստերի վճիռը։ Իհարկե, շատ բանով էինք մենք տարբերվում այդ աշխարհը ստեղծողներից, բայց հիմնականում մենք նման էինք միմյանց։
Ճիշտ այնպես, ինչպես երբեմն մի որևէ շան կամ ձիու դեմքին նկատում ես հուզմունք կամ դրա նման մի բան, ինձ թվում էր, որ ես հասկանում եմ իմ դիմաց կանգնած էակի հայացքը։ Այնտեղ կար ուշիմություն ու արժանապատվություն՝ խաղաղ, վստահ ինքնատիրապետում, որպիսին, օրինակի համար, մենք տեսնում ենք Բելինիի նշանավոր Դուքս Լորեդանոյի դիմանկարում։ Նրա հայացքն արտահայտում էր նաև վհատություն՝ վհատություն մի ժողովրդի, որն ապշեցուցիչ սխրանք է գործել, և այդ ամենը իզուր է անցել։
Մենք դեռևս չգիտենք, թե ինչու է այդ արձանը յուպիտերցու միակ պատկերը։ Դժվար թե մի նման լուսավորյալ ժողովրդի մոտ արգելքներ լինեին այդպիսի հարցերում։ Մենք հավանաբար պատասխանը կգտնենք, երբ վերծանենք սրահի պատերին փորագրված արձանագրությունները։
Բայց և այնպես, արձանի նշանակությունը առանց այդ էլ հասկանալի է։ Այն կանգնեցրել են ժամանակները կամրջելու և ողջունելու համար նրանց, ովքեր երբևէ ոտք կդնեն այստեղ։ Ահա, թերևս, արձանը կերտել են շատ ավելի փոքր, քան բնորդն է։ Նույնիսկ նրանք կռահել են, որ ապագան պատկանում է Երկրին կամ Վեներային, իսկ դա նշանակում է՝ այն էակներին, որոնք յուպիտերցիների համեմատ ավելի գաճաճներ էին։ Նրանք գիտեին, որ ֆիզիկական չափերը նույնպիսի անջրպետ կարող էին լինել, ինչպես ժամանակը։
Մի քանի րոպե անց ընկերներիս հետ վերադառնում էի դեպի մեր նավը, շտապելով պրոֆեսորին պատմել հայտնագործության մասին։ Նա դժկամորեն ժամանակ էր կորզում հանգստի համար, թեպետ չէմ հավատում, որ Յուպիտեր Հինգի վրա եղած ժամանակ օրվա մեջ նա չորս ժամից ավելի քներ։ Մետաղյա հարթավայրը ողողված էր դեղին լույսով, երբ մենք դուրս եկանք պատյանից և նորից հայտնվեցինք աստղազարդ երկնքի տակ։
― Հալլո՜, ― լսեցի ես, ռադիոյով Բիլի ձայնը, ― պրոֆեսորը տեղաշարժել է նավը։
― Հիմարություն, ― վրա բերեցի ես, ― նա ճիշտ նույն տեղում է, որտեղ կանգնած էր։
Ապա ես շրջվեցի և հասկացա, թե ինչու է սխալվել Բիլը։ Մենք նոր այցելուներ ունեինք։
Երկրորդ նավը վայրէջք էր կատարել մի երկու կիլոմետր այն կողմ, և որքան կարող էին զանազանել իմ անփորձ աչքերը, այն ճիշտ և ճիշտ մեր նավի կրկնակն էր։ Օդախցով շտապ ներս մտնելով, մենք տեսանք, որ քնաթաթախ պրոֆեսորն արդեն զբաղեցնում է հյուրերին։ Նրանք երեքն էին, այց թվում՝ ի զարմանս և, ճիշտն ասած, ի հաճույս մեզ՝ մի թխահեր հրապուրիչ աղջիկ։
― Ծանոթացեք, ― ասաց պրոֆեսոր Ֆորստերը, մի քիչ հոգնաբեկ տոնով։ ― Սա միստր Ռանդոլֆ Մեյզն է, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ։ Կարծում եմ, դուք լսել եք նրա մասին։ Իսկ սա․․․ նա դարձավ Մեյզին, ― ներեցեք ես չեմ հիշում ազգանունը։
― Իմ օդաչուն, Դոնալդ Հոպկինս․․․ Իմ քարտուղարուհին՝ Մարիան Միտչել։
«Քարտուղարուհի» բառին նախորդեց մի փոքր դադար, գրեթե աննկատ, բայց այն բավականին երկարատև էր, որպեսզի մի միտք ծագեր գլխումս։ Ես հազիվ զսպեցի զարմանքս, բայց անմիջապես որսացի Բիլի հայացքը, որը առանց բառերի ասում էր․ «Եթե դու մտածում ես այն, ինչ ես եմ մտածում, ամոթ քեզ»։
Մեյզը մի երկարահասակ, նիհար, դիակնակերպ մարդ էր՝ նոսրացող մազերով և բարեհաճ դեմքով, որը լոկ մակերեսային էր, ― պատշպանական գունավորումը այն մարդկանց, որոնք բարեկամանում են շատերի հետ։
― Ես կարծում եմ, սա նույնպիսի անակնկալ է ձեզ համար, որքան և ինձ համար, ― ասաց նա ավելորդ բարեհոգությամբ։ ― Ես ամենևին չէի սպասում, որ որևէ մեկը ինձանից առաջ կգա այստեղ։ Ես է՛լ չեմ ասում, այս ամենը․․․
― Ի՞նչն է բերել ձեզ այստեղ, ― ընդհատեց նրան Աշթընը, ջանալով չափազանց կասկածամիտ չթվալ։
― Ես հենց նոր այդ էի ասում պրոֆեսորին։ Մարիան, խնդրեմ, տվեք ինձ այդ թղթապանակը։ Շնորհակալ եմ։
Նա հանեց մի ամբողջ շարք աստղագիտական ընտիր նկարներ և պարզեց շուրջը կանգնածներին։ Դրանք պատկերում էին մոլորակները՝ նկարված իրենց արբանյակներից, ― մի բավականին ծեծված սյուժե։
― Դուք բոլորդ, անշուշտ, տեսել եք նման բաներ, ― շարունակեց Մեյզը։ ― Բայց մի տարբերությամբ։ Այս նկարներն արված են մոտ հարյուր տարի սրանից առաջ, նկարիչ Չեսլի Բոունսթելի կողմից, և առաջին անգամ տպագրվել են «Լայֆում» 1944֊ին՝ տիեզերական ճանապարհորդությունները սկսվելուց դեռ շատ առաջ։ Այժմ բանն այն է, որ «Լայֆը» հանձնարարություն է տվել ինձ՝ պտտվել ամբողջ արեգակնային համակարգությունում և անձամբ ստուգել, թե որքանով են այս երևակայական նկարները համապատասխանում իրականությանը։ Հարյուրամյա հոբելյանական համարում սրանք պետք է հրապարակվեն իսկական լուսանկարների հետ՝ կողք֊կողքի։ Լավ գաղափար է, այնպես չէ՞։
Ես ընդունեցի, որ գաղափարը վատ չէ։ Բայց գործը շատ ավելի բարդ էր։ Տեսնես, ինչ է մտածում պրոֆեսորը այդ մասին։ Ես մի հայացք նետեցի միսս Միտչելի վրա, որը համեստորեն կանգնած էր անկյունում, և որոշեցի, որ չկա չարիք առանց բարիքի։
Այլ պարագաներում մենք ուրախ կլինեինք երկրախույզների ուրիշ արշավախմբի հանդիպելու համար, սակայն այստեղ առաջնության հարց կար։ Մեյզը, անշուշտ, այստեղ֊այնտեղ կծախսի իր ամբողջ կինոժապավենները և կշտապի Երկիր վերադառնալ հնարավորին շուտ՝ մոռանալով խմբագրության հանձնարարությունը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էինք խանգարել նրան։ Վստահ էլ չէի, թե արդյոք արժե՞ր այդպես վարվել։ Մեզ կռեկլամեն, մամուլը կգրի՝ դրանից մեզ վնաս չկա։ Բայց մենք կցանկանայինք այդ բանն անել մեր ուզած ժամանակ և ուզած ձևով։ Ես ինքս ինձ մտածում էի, որ պրոֆեսորը այնքան էլ փափկանկատ մարդ չէ, և փորձանքն անխուսափելի է։
Բայց և այնպես, սկզբում դիվանագիտական հարաբերությունները բավականին նորմալ էին ընթանում։ Պրոֆեսորը հղացել էր մի փայլուն միտք՝ յուրաքանչյուրին կցել Մեյզի խմբի անդամներից մեկն ու մեկին, այն հաշվով, որպեսզի մենք նրանց համար միաժամանակ լինեինք և՛որպես գիդ, և՛ որպես վերակացու։ Եվ քանի որ հետազոտողների թիվը կրկնապատկվում էր, աշխատանքները շատ ավելի արագ կընթանային։ Այս պայմաններում միայնակ աշխատելը ամենևին էլ անվտանգ չէր, իսկ մինչ այդ դա խիստ դժվարացնում էր մեր գործը։
Մեյզի աշխատախմբի ժամանման հաջորդ օրը պրոֆեսորը մեզ շարադրեց իր ծրագիրը։
― Ես հուսով եմ, մենք կարող ենք յոլա գնալ նրանց հետ, ― ասաց նա փոքր֊ինչ մտահոգ։ ― Ես կարծում եմ, նրանք կարող են գնալ ուր ուզում են և լուսանկարել ինչ֊որ ցանկանում են։ Միայն թե որևէ բան չվերցնեն, և իրենց լուսանկարներով Երկիր չվերադառնան մեզնից շուտ։
― Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք խանգարել նրանց վերադառնալուն, ― առարկեց Աշթընը։
― Ես մտադիր չէի ասել այդ բանը, սակայն այժմ ես իրավապահանջ եմ ներկայացնում Յուպիտեր Հինգի նկատմամբ։ Ես ռադիոյով այն Գանիմեդ հաղորդեցի անցյալ գիշեր, և այժմ արդեն պետք է հասած լինի Հաագա։
― Բայց չէ որ, ոչ ոք չի կարող իրավունք ունենալ տիեզերական մարմնի նկատմամբ։ Այս կարգը ընդունվել է դեռևս Լուսնի վերաբերյալ անցյալ դարում, ― ասաց ինչ֊որ մեկը։
Պրոֆեսորը ժպտաց մի խորամանկ ժպիտով։
― Ես չեմ տիրանում տիեզերական մարմնին, հիշեցեք։ Ես իրավապահանջ եմ ներկայացրել այն փրկելու մասին, և ես այդ բանն արել եմ Համաշխարհային գիտական կազմակերպության անունից։ Եթե Մեյզը որևէ բան վերցնի «Հինգից», ապա դա կորակվի որպես գողություն այնտեղից։ Վաղը ես քաղաքավարի կերպով այդ բանը կբացատրեմ Մեյզին, քանի դեռ նա չի հղացել մի որևէ փայլուն գաղափար։
Իսկապես, տարօրինակ էր թվում արբանյակ «Հինգը» դիտել որպես փրկված գույք, և ես մի պահ պատկերացնում էի այն բուռն իրավաբանական վիճաբանությունները, որ պետք է սկսվեին, երբ մենք տուն վերադառնայինք։ Բայց առայժմ պրոֆեսորի այդ քայլը մեզ որոշ իրավունքներ էր տալիս, այդ պատճառով էլ Մեյզը պետք է զգուշանար հուշաիրեր հավաքելուց, ― համենայն դեպս, այդպիսի լավատեսությամբ էինք համակված մենք։
Նախապատրաստական աշխատանքները, ճիշտ է, շատ ժամանակ խլեցին, սակայն ինձ հաջողվեց Մարիանի հետ միասին մի քանի անգամ շրջագայել Յուպիտեր Հինգի ներսում։ Մեյզը կարծես կարևորություն չէր տալիս դրան․ ասենք, առանձնապես դրա հարկն էլ չկար։ Տիեզերահագուստը ամենակատարյալ միջոցն է, որ կարող է ապահովել երիտասարդ օրիորդին տղամարդու ոտնձգություններից։
Միանգամայն բնական էր, որ ես նրան առաջին հերթին առաջնորդեցի դեպի պատկերասրահը, և ցույց տվեցի իմ հայտնագործությունը։ Նա երկար֊երկար նայեց արձանին, մինչ ես այն լուսավորել էի իմ լապտերով։
― Հրաշալի է, ― վերջապես շշնջաց նա։ ― Դուք միայն պատկերացրեք․ սպասել այստեղ, մթության մեջ, միլիոնավոր տարիներ շարունակ։ Բայց նրան պետք է անուն տալ։
― Արդեն։ Ես նրան կոչել եմ «Դեսպանորդ»։
― Ինչո՞ւ։
― Որովհետև, եթե ուզում եք իմանալ, նա մի պատվիրակ կամ բանբեր է, որ լուրեր է բերել մեզ անցյալից։ Նրան կերտող մարդիկ գիտեին, որ վաղ թե ուշ, այստեղ ոտք կդնեն նաև ուրիշները։
― Ես կարծում եմ, դուք իրավացի եք։ Դեսպանորդ․․․ Իսկապես, ամենևին էլ վատ չէ։ Նրա մեջ ինչ֊որ վեհանձն ու միաժամանակ շատ տխուր բան կա։ Զգացե՞լ եք արդյոք դուք։
― Երևում էր, որ Մարիանը շատ խելացի կին է։ Նա զարմանալիորեն ճիշտ էր կռահում իմ տեսակետը, և մեծ հետաքրքրություն էր հանդես բերում այն ամենի հանդեպ, ինչ ես ցույց էի տալիս նրան։ Բայց ամենից շատ Մարիանին հմայել էր «Դեսպանորդը», և նա նորից ու նորից անդրադառնում էր նրան։
― Լսիր ինձ, Ջաք, ― ասաց նա (կարծեմ դա արդեն հաջորդ օրն էր), ― այդ արձանը դուք պետք է ձեզ հետ տանեք Երկիր։ Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի սենացիա կլինի դա։
Ես հոգոց հանեցի։
― Պրոֆեսորը կցանկանար, իհարկե, բայց այն մեկ տոննա կկշռի։ Այդքան վառելանյութ չունենք։ Նա պետք է սպասի ավելի ուշ ճանապարհորդության։
Մարիանը շփոթված էր։
― Բայց չէ՞ որ առարկաներն այստեղ համարյա քաշ չունեն, ― առարկեց նա։
― Դրանք միանգամայն տարբեր բաներ են, ― բացատրեցի ես։ ― Կա կշիռ, և կա իներցիա։ Իներցիան․․․ Ասենք, դա կարևոր չէ։ Մենք ոչ մի կերպ չենք կարող վերցնել այն մեզ հետ։ Նավապետ Սըրլը կտրականապես հրաժարվում է։
― Շատ ցավալի է, ― ասաց Մարիանը։
Ես այս խոսակցության մասին հիշեցի միայն մեր մեկնելու նախորդ գիշերը։ Այդ օրը մենք շատ էինք աշխատել և հոգնատանջ եղել մեր սարքավորումները տեղավորելով (իհարկե, որոշ բաներ թողնելով հետագա արշավախմբերի համար)։ Մենք ամբողջովին սպառել էինք մեր լուսանկարչական ժապավենները։ Եվ ինչպես Չառլի Աշթընն ասաց, եթե մենք հանդիպեինք մի կենդանի յուպիտերցու, անկարող պետք է լինեինք պատկերելու այդ փաստը։ Ես կարծում եմ, մենք բոլորս էլ ազատ շունչ քաշելու, մտքերս թրթևացնելու և մեր տպավորությունները կարգի գցելու կարիք ունեինք։ Հարկավոր էր, որպեսզի խելքներս գլուխներս գար օտար քաղաքակրթության հետ ճակատ առ ճակատ հանդիպելուց։
Մեյզի տիեզերանավը՝ «Հենրի Լյուսը» նույնպես գրեթե պատրաստ էր թռիչքի։ Մենք պետք է թռչեինք միաժամանակ, մի բան, որ պրոֆեսորի սրտովն էր, քանի որ նա չէր վստահում Մեյզին՝ մնալու Յուպիտեր Հինգի վրա։
Ամեն ինչ պատրաստ էր, երբ մեր նկարահանումները աչքի անցկացնելիս, ես հանկարծ նկատեցի, որ ֆիլմերից վեցը չկան։ Նրանք, որոնց վրա նկարահանված էր Արվեստի տաճարի ողջ պարունակությունը։ ՄԻ փոքր գլխիս զոռ տալուց հետո հիշեցի, որ դրանք հանձնել էին ինձ, իսկ ես ամենայն խնամքով թողել էի Տաճարում, որպեսզի ավելի ուշ վերցնեմ։
Մինչև թռչելը դեռ շատ ժամանակ կար։ Պրոֆեսոը և Աշթընը հանգիստ ննջում էին։ Եվ առիթից օգտվելով, ես որոշեցի գնալ մոռացված ժապավենների ետևից։ Ես գիտեի, թե ինչ աղմուկ կարող է բարձրանալ հետագայում, եթե դրանք թողնեմ այնտեղ։ Եվ, քանի որ ես լավ էի հիշում, թե որտեղ եմ թողել դրանք, գնալ֊գալու համար կես ժամ էր պահանջվում։ Ուստի և ճանապարհ ընկա, համենայն դեպս զգուշացնելով Բիլին։
Լուսարձակը, իհարկե, չէր գործում, և Յուպիտեր Հինգի ներսում ճնշող խավար էր տիրում։ Սակայն ես գրպանի մի հրանշան թողեցի մուտքի մոտ, և ազատ անկում կատարեցի դեպի ցած, մինչև ձեռքիս ձողը կկասեցներ անկումը։ Տասը րոպե անց, ես վերցրի մոռացած ժապավենները և թեթևացած շունչ քաշեցի։
Միանգամայն բնական էր, որպեսզի մի վերջին անգամ հարգանքներիս հավաստիքը մատուցեի «Դեսպանորդին»․ ով գիտի, գուցե, տարիներ անցնեն, մինչ ես նորից կտեսնեի նրան։ Այո, այդ խաղաղ առեղծվածային անդրին դյութել էր ինձ։
Դժբախտաբար, այդ ազնիվ զգացումը միայն ինձ չէր համակել։ Որովհետև սենյակը դատարկ էր, իսկ արձանը չկար։
Ես, իհարկե, կարող էի աննկատ վերադառնալ, և անախորժ բացատրություններից խուսափելու համար ոչ ոքի ոչինչ չասել։ Բայց ես սաստիկ զայրացած էի և ամենից քիչ մտածում էի զգուշության մասին։ Նավ վերադառնալուն պես, ես արթնացրի պրոֆեսորին և զեկուցեցի կատարվածի մասին։
Նա նստեց իր անկողնում, շփելով աչքերը, ապա մի քանի կծու խոսքեր արտասանեց միստր Մեյզի և նրա ուղեկիցների հասցեին, որոնք այստեղ կրկնելու հարկ չկա։
― Մի բան չեմ հասկանում միայն, ― ասաց Սըրլը, ― թե ինչպես են նրանք արձանը դուրս բերել, եթե իսկապես այդ բանն արել են։ Պետք է որ մենք նկատեինք։
― Թաքնվելու տեղեր շատ կան, նրանք կարող էին սպասել մինչև ոչ ոք չլինի շրջապատում, ապա նոր դուրս հանեին։ Դա բավականին ջանք է պահանջում, նույնիսկ այստեղի ձգողականության պայմաններում։ ― Էրիկ Ֆուլտոնի ձայնի մեջ հիացական ինտոնացիա կար։
― Անցած֊դարձածի մասին երկարաբանելու ժամանակը չէ, ― ջղայնությամբ ասաց պրոֆեսորը։ ― Մենք մեր տրամադրության տակ ունենք հինգ ժամ, պետք է մի ելք գտնել։ Ավելի շուտ նրանք չեն կարող թռչել, որովհետև հենց նոր անցանք Գանիմեդի հետ դիմակայության կետը։ Ես չե՞մ սխալվում, Քինգսլի։
Սըրլը գլխով հավանության նշան արեց։
― Այո։ Մենք պետք է անցնենք Յուպիտերի հակառակ կողմը, որպեսզի մտնենք փոխադրելի ուղեծրի մեջ, համենայն դեպս, տրամաբանորեն ամենահարմար ուղեծիրը։
― Ուրեմն, դա մեզ շունչ առնելու ժամանակ է տալիս։ Այլ կարծիքներ կա՞ն։
Այժմ, մի հետադարձ հայացք նետելով այդ ամենի վրա, հաճախ ինձ թվում է, որ այն ժամանակվա մեր վարմունքը, ես պետք է ասեմ, մի փոքր տարօրինակ ու մի քիչ էլ բարբարոսական էր։ Դա մի այնպիսի քայլ էր, որին հազիվ թե դիմեինք մի քանի ամիս առաջ։ Սակայն մենք չափազանց հոգնած, նաև սաստիկ զայրացած էինք, և բացի այդ, մարդկությունից հեռու գտնվելը որոշ չափով փոխել էր մեր պատկերացումները երևույթների նկատմամբ։ Ու քանի որ այստեղ չկային օրենքներ, նրանց դատ ու դատաստանը մենք պետք է տեսնեինք․․․
― Արդյոք չե՞նք կարող այնպես անել, որպեսզի նրանք չկարողանան օդ բարձրանալ։ Օրինակ, խափանել նրանց շարժիչները, ― հարցրեց Բիլը։
Այս մտադրությունը ամենևին դուր չեկավ Սըրլին։
― Մենք չպետք է դիմենք խիստ միջոցների, ― ասաց նա։ ― Բացի այդ, Դոն Հոպկինսը իմ լավ բարեկամն է։ Նա երբեք չի ների ինձ, եթե ես խափանեմ նրա նավը։ Դա նաև վտանգավոր է, եթե մենք հանկարծ այնպիսի վնաս հասցնենք, որը դժվար լինի նորոգել։
― Գողանանք նրանց վառելիքը, ― լակոնիկ ասաց Գրովզը։
― Ինչու չէ։ Ըստ երևույթին, նրանք բոլորն էլ քնած են, խցում ոչ մի լույս չի երևում։ Պետք է խողովակները միացնել և պոմպերը աշխատեցնել։
― Լավ միտք է, ― միջամտեցի ես։ ― Բայց մեզ նրանց նավից բաժանում է երկու կիլոմետր։ Ինչքա՞ն փողրակ ունենք մեր տրամադրության տակ։ Մի հարյուր մետր կլինի՞։
Իմ խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց․ քննարկում էին Գրովզի գաղափարը։ Հինգ րոպեում տեխնիկական հարցերը լուծվեցին, մեզ մնում էր միայն հագնել տիեզերահագուստները և գործի անցնել։
Երբ միանում էի պրոֆեսոր Ֆորստերի արշավախմբին մտքովս անգամ չէր անցնում, որ այդ առաքելությունը ես կավարտեմ արկածային հին պատմություններից վերցված աֆրիկյան այն բեռնակրի նման, որն իր բեռը տանում է գլխին դրած։ Եվ այն էլ ինչպիսի բեռ՝ տիեզերանավի մեկ վեցերորդը։ (Պրոֆեսորից օգուտ չկար, նա կարճահասակ էր)։ Այժմ, երբ տիեզերանավի վառելիքի ամբարները կիսով չափ դատարկ էին, ներկա ձգողականության պայմաններում այն կշռում էր մոտավորապես երկու հարյուր կիլոգրամ։ Մենք հազիվ֊հազ մտանք նրա տակ, բարձրացրինք, և սկզբում առաջ շարժվեցինք, իհարկե, շատ դանդաղ, որովհետև նրա մասսան անփոփոխ էր։ Ապա սկսեցինք քայլել նորմալ քայքով։
Դա այնքան էլ հեշտ չէր, ինչպես կարծում էինք, հարկ եղավ քայլել երկար ժամանակ։ Եվ վերջապես երկու նավերը կանգնած են կողք֊կողքի։ Ոչ ոք չէր նկատել մեզ․ «Հենրի Լյուսի» անձնակազմը խոր քնած էր, ենթադրելով, որ մենք նույնպես քնած ենք։
Շունչս դեռ տեղը չէր եկել, բայց ես մանկան պես հրճվում էի այդ ամբողջ արկածախնդրությունից, մանավանդ, երբ Սըրլն ու Ֆուլտոնը մեր օդախցից հանեցին վառելատու փաղրակը և հանգիստ միացրին մյուս տիեզերանավին։
― Այս պլանի լավն այն է, ― պարզաբանեց Գրովզը, երբ մենք կանգնած նայում էինք, ― որ նրանք ոչինչ չեն կարող անել մեզ խանգարելու համար, մինչև դուրս չգան ու չանջատեն մեր փողրակը։ Հինգ րոպեում կարող ենք նավն իսպառ քամել, իսկ նրանց կպահանջվի երկու֊երեք րոպե միայն տիեզերահագուստները հագնելու համար։
Հանկարծ մի սարսափելի երկյուղ պատեց ինձ։ «Իսկ եթե նրանք շարժիչները միացնեն ու փորձեն թռչե՞լ»։ Մեր բանը բուրդ կլինի, մեզնից ոչինչ չի մնա։ Չէ, սկզբում նրանք դուրս կգան, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում։ Ահ, ո՜նց են աշխատում պոմպերը։
Փողրակը ճնշման տակ պրկվել էր հրշեջ պոմպի նման, ― ուրեմն վառելիքը հոսում է բաքերի մեջ։ Րոպե առ րոպե սպասում էի, որ ուր որ է «Հենրի Լյուսի» ներսում լույսերը կվառվեն ու նրա շփոթված բնակիչները դուրս կթափվեն, և ես նույնիսկ հիասթափվեցի, որ այդ բանը չպատահեց։ Ըստ երևույթին, նրանք շատ խորն էին քնած, որ չէին զգում պոմպերի հարուցած վիբրացիան։ Բայց, երբ ամեն ինչ ավարտվեց ու ոչինչ չպատահեց, մենք ապուշ կտրած կանգնած միմյանց էինք նայում։ Սըրլը և Ֆուլտոնը զգուշորեն անջատեցին փողրակն ու դրեցին իր տեղը՝ օդախցիկի մեջ։
― Հետո՞, ― հարցրինք մենք պրոֆեսորին։
Նա մի պահ մտածմունքի մեջ ընկավ։
― Եկեք վերադառնանք նավ, ― ասաց նա։
Մենք դուրս սողացինք մեր զգեստներից ու սկսեցինք հավաքվել նավախցիկում։ Պրոֆեսորը նստեց ռադիոյի առջև ու սեղմեց պատահարների ազդանաշանը։ Մեր քնած հարևանները մեկ֊երկու վայրկյանից արդեն կարթնանային, քանի որ նրանց ավտոմատ ընդունիչը ահազանգ հնչեցրեց։
Հեռուստատեսային էկրանը կենդանացավ, երևաց Ռանդոլֆ Մեյզի ահաբեկված դեմքը։
― Հը՜լլո, Ֆորստեր, ― մռլտաց նա։ ― Ի՞նչ է պատահել։
― Մեզ՝ ոչինչ, ― պատասխանեց պրոֆեսորը իրեն հատուկ անվրդով տոնով։ ― Բայց դուք ինչ֊որ բան կորցրել եք։ Նայեցեք ձեր վառելիքացույցերին։
Էկրանը դատարկվեց, և մի պահ բարձրախոսից լսվում էին միայն շփոթված ձայներ ու գոռում֊գոչյուններ։ Մեյզը նորից հայտնվեց էկրանի վրա։ Նրա դեմքը ավելի շատ զայրույթ էր արտահայտում, քան տագնապ։
― Ի՞նչ է կատարվում այստեղ, ― ջղայնացած հարցրեց նա։ ― Դուք որևէ բան գիտե՞ք այդ մասին։
Պրոֆեսորը թողեց, որպեսզի նա մի րոպե հանդարտվի, և ապա պատասխանեց։
― Ես կարծում եմ, լավ կլինի, եթե գաք մեզ մոտ բանակցելու։ Մանավանդ, որ հեռու գնալու կարիքը չունեք։
Մեյզը մի փոքր շշմեց, բայց անմիջապես սթափվեց։
― Եվ կգա՛մ։
Էկրանը դատարկվեց։
― Հիմա նա կնահանջի, ― չարախնդորեն ասաց Բիլը։ ― Ուրիշ ելք չունի։
― Դա այնքան էլ հեշտ չէ, ― հանգիստ ավելացրեց Ֆուլտոնը։ ― Եթե Մեյզն ուզենա՝ կարող է պինդ իր տեղը նստել և ռադիոյով Գանիմեդից վառելանյութ խնդրել։
― Բայց ի՞նչ կտա դա նրան։ Իզուր կկորցնի մի քանի օր և մեծ գումար։
― Արձանը կմնա իր մոտ։ Իսկ գումարը կվերադարձնի դատարանի միջոցով։
Օդախցի ազդանշանային լամպը վառվեց և Մեյզը մտավ ներս։ Նա զարմանալիորեն խաղաղ տրամադրություն ուներ․ ճանապարհին, հավանաբար, լավ ծանրութեթև էր արել։
― Դե լավ, լավ, ― ասաց նա բարեհամբույր ժպիտով։ ― Ինչո՞ւ եք դիմել այդ անհեթեթ քայլին։
― Դուք շատ լավ գիտեք, ինչու, ― սառնությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Չէ որ ես ձեզ պարզ ու մեկին բացատրեցի, որ ոչինչ չի կարելի վերցնել Յուպիտեր Հինգից։ Դուք յուրացրել եք մի իր, որը ձեզ չի պատկանում։
― Բայց եկեք պարզենք, ո՞ւմ է պատկանում այն։ Այս մոլորակի եղած֊չեղածը դուք ձեր սեփականությունը համարել չեք կարող։
― Սա մոլորակ չէ՝ այլ տիեզերանավ, և այստեղ ուժի մեջ է փրկված գույքի վերաբերյալ օրենքը։
― Անկեղծ ասած, դա շատ վիճելի տեսակետ է։ Դուք չե՞ք կարծում, որ պետք է սպասել մինչև դատարանի որոշում կայացնելը։
Պրքֆեսորը իրեն պահում էր վայելուչ։ Բայց ես նկատեցի, որ նա չափազանց լարված է, և ուր որ է կարող է պայթել։
― Ահա թե ինչ, միստր Մեյզ, ― չարագուշակ հանդարտությամբ ասաց նա։ ― Այն, ինչ դուք վերցրել եք՝ մեր միակ ամենակարևոր հայտնագործությունն է այստեղ։ Ես ինձ թույլ եմ տալիս մտածել, որ դուք չեք գիտակցում, թե ինչ եք արել և չեք հասկանում ինձ՝ հնագետիս։ Վերադարձրեք արձանը, և մենք կվերադարձնենք ձեր վառելիքը, ուրիշ ոչինչ։
Մեյզը մտախոհ շփեց ծնոտը։
― Ես, իսկապես, չեմ հասկանում, թե ինչու եք այդքան աղմուկ բարձրացրել, մի ինչ֊որ արձանի շուրջ, երբ ինքներդ գիտեք, գույքի էական մասը այստեղ է։
Այդ ժամանակ էր, որ պրոֆեսորը թույլ տվեց իր հազվադեպ սխալներից մեկը․
― Դուք դատում եք այն մարդու պես, որը գողացել է «Մոնա Լիզան» Լուվրից և համոզում է, որ թանգարանը առանձնապես ոչինչ չի կորցնում, որովհետև մյուս նկարները տեղում են։ Այս արձանը եզակի է այն իմաստով, որ չի կարելի նրան փոխարինել երկրային արվեստի և ոչ մի գործով։ Ահա թե ինչու ես պնդում եմ, որպեսզի այն վերադարձվի իր տեղը։
Երբ մարդ սակարկում է, երբեք ցույց չի տալիս, որ նրա ուզածը վատ բան է։ Ես մի ագահ փայլ նկատեցի Մեյզի աչքերում և մտածեցի․ «Ա֊հա՜, նա պիտի համառի»։ Ու ես հիշեցի Ֆուլտոնի այն ակնարկը, թե նա Գանիմեդից վառելիք կխնդրի։
― Մի կես ժամ տվեք ինձ մտածելու համար, ― դեպի մուտքն ուղղվելով ասաց Մեյզը։
― Շատ լավ, ― չոր֊չոր պատասխանեց պրոֆեսորը։ ― Միայն կես ժամ, ոչ ավելի։
Արժանին պետք է հատուցել Մեյզի խելքին․ հինգ րոպե էլ չէր անցել, երբ նրա անտենաները սկսեցին պտտվել և ուղղվեցին դեպի Գանիմեդը։ Իհարկե, մենք փորձեցինք լսել նրանց, բայց խոսակցությունն ընթանում էր գաղտնագրով։
Պատասխանն ստացվեց մի քանի րոպե անց, որը նույնպես տրված էր ծածկագրով։ Մինչ սպասում էինք, թե ինչ պետք է լինի հաջորդ քայլը, մի ռազմական խորհուրդ ևս գումարեցինք։ Պրոֆեսորն այժմ ավելի համառ էր, ու երևում էր, որ ոչնչի առջև կանգ չի առնի։ Նա զգում էր, որ սխալվել է, և ավելի էր ջղայնանում այդ մտքից։
Ըստ երևույթին, Մեյզը վախենում էր ինչ֊որ բանից, որովհետև նա վերադարձավ օդաչու Դոնալդ Հոպկինսի ուղեկցությամբ։
― Ամեն ինչ կարգին է, պրոֆեսոր, ― ասաց Մեյզը ինքնավստահ տոնով։ ― Դա ինձանից մի փոքր ավելի ժամանակ կխլի, բայց եթե կամենում եք, կարող եմ վերադառնալ առանց ձեր օգնության։ Սակայն ես ընդունում եմ, որ ավելի լավ է համաձայնության գանք, որով մենք կխնայենք և՛ ժամանակ, և՛ միջոցներ։ Ահա թե ինչ․ դուք վերադարձնում եք վառելիքը, իսկ ես ձեզ եմ հանձնում իմ վերցրած․․․ մյուս հուշանվերները։ Բայց Մոնա Լիզան մնում է ինձ մոտ, եթե նույնիսկ հարկ լինի Գանիմեդ վերադառնալ միայն եկող շաբաթ։
Պրոֆեսորը նախ մի քանի թթու խոսքեր ասաց, որոնք հավատացնում եմ, ոչնչով չէին տարբերվում հայհոյանքից։ Դրանից նա կարծես թեթևություն զգաց և համակվեց դիվային սիրալիրությամբ։
― Թանկագին միստր Մեյզ, դուք մի նենգ խաբեբա եք, ահա թե ինչու ես խղճահարություն չեմ կարող զգալ ձեր հանդեպ։ Ես պատրաստ եմ ուժ գործադրել ձեր նկատմամբ, և օրենքն ինձ կարդարացնի։
Մեյզը մի փոքր ահաբեկված էր և, իհարկե, ոչ անհարկին․ մենք ստրատեգիական դիրքեր էինք գրավել դռան մոտ։
― Թողեք այդ մելոդրաման, խնդրում եմ, ― գոռոզաբար ասաց նա։ ― Այժմ քսանմեկերորդ դարն է, այլ ոչ թե հազար ութհարյուրական թվականները, և մենք Վայրի Արևմուտքում չենք գտնվում։
― Վայրի Արևմուտքը՝ հազար ութ հարյուր ութսունական թվականներին էր, ― նրան ուղղեց Բիլը, որը սիրում էր ճշտությունը։
― Ես ձեզ պետք է խնդրեմ, որպեսզի դուք ձեզ համարեք բանտարկության մեջ, ― շարունակեց պրոֆեսորը։ ― Իսկ մենք կորոշենք՝ ինչպես վարվել ձեզ հետ։ Միստր Սըրլ, խնդրեմ առաջնորդեք նրան Բ խուցը։
Մեյզը հեգնական ժպիտը դեմքին ետ֊ետ քաշվեց դեպի պատը․
― Պրոֆեսոր, իրոք, ձեր արածը տղայական բան է։ Դուք չեք կարող ինձ ձերբակալել հակառակ իմ կամքի։
Նա նայեց «Հենրի Լյուսի» նավապետի կողմը՝ աջակցություն ակնկալելով նրանից։
Դոնալդ Հոպկինսը թափ տվեց երևակայական փոշին իր համազգեստի վրայից։
― Ես չեմ ուզում խառնվել զգվռտոցի, ― ասաց նա այնպես, առանց հասցեի։
Մեյզը մի թունոտ հայացք նետեց նրա վրա և դժկամորեն անձնատուր եղավ։ Համոզվելով, որ նա զբաղվելու մի բան կգտնի խցում, նրան փակեցինք այնտեղ։
Երբ Մեյզին արդեն ճանապարհից վերցրել էինք, պրոֆեսորը դարձավ Հոպկինսին, որը նախանձով նայում էր մեր վառելիքաչափերին։
― Նավապետ, ― ասաց նա քաղաքավարի, ― կարո՞ղ եմ վստահ լինել, որ դուք չեք ցանկանում խառնվել ձեր ղեկավարի կեղտոտ գործերին։
― Ես չեզոք եմ։ Իմ գործը միայն նավն այստեղ բերելն ու ետ տանելն է։ Դուք կարող եք միմյանց հետ վարվել, ինչպես կամենաք։
― Շնորհակալ եմ։ Կարծում եմ մենք շատ լավ հասկացանք միմյանց։ Թերևս լավ կլիներ, որպեսզի դուք վերադառնայիք ձեր նավը և բացատրեիք իրողությունը։ Մի քանի րոպեից մենք կկապվենք ձեզ հետ։
Նավապետ Հոպկինսը անփույթ քայլվածքով ուղղվեց դեպի դուռը։ Երբ նա արդեն դուրս էր գալիս, դիմեց Սըրլին։
― Ի դեպ, Քինգսլի, ― ասաց նա, ― խոշտանգումների մասին մտածե՞լ եք։ Երբ ձեռնամուխ լինեք, հայտնեցեք ինձ, ես որոշ հետաքրքրական իդեաներ ունեմ։
Ապա նա գնաց՝ թողնելով մեզ պատանդի հետ։ Կարծեմ պրոֆեսորը հույս ուներ գործը գլուխ բերել միանգմից՝ պարզ փոխանակությամբ։ Բայց նա հաշվի չէր առել Մարիանի համառ բնավորությունը։
― Թերևս, դուք ճիշտ եք վարվել Ռանդոլֆի հետ, ― ասաց Մարիանը։ ― Բայց, իսկապես, ես չեմ տեսնում, որ դա որևէ բան փոխի։ Ձեր նավում նա իրեն կզգա նույնքան լավ, ինչպես մեզ մոտ, և դուք նրան ոչինչ չեք կարող անել։ Միայն թե հայտնեցեք ինձ, երբ նա ձեզ ձանձրացնի։
Մենք անելանելի վիճակում էինք։ Սկզբում գործը լավ էինք բռնել, իսկ այժմ պարզվում էր, որ իզուր։ Մեյզը մեր ձեռքումն էր, բայց դրանից օգուտ չկար։
Պրոֆեսորը մեջքով մեզ կանգնած, խոժոռ հայացքով լուսանցույցից դուրս էր նայում։ Ասես հավասարակշռելով հորիզոնի վրա, Յուպիտերի վիթխարի զանգվածը գրեթե բռնել էր ողջ երկինքը։
Պրոֆեսորը հանկարծ դարձավ ինձ։
― Դուք ի՞նչ եք կարծում, Մարիանը իսկապե՞ս սիրում է այդ անարգ մարդուն։
― Ըմմ․․․ զարմանալի ոչինչ չկա։ Այո, ես իրոք հավատում եմ, որ այդպես է։
Պրոֆեսորը շատ մտահոգ էր։ Ապա նա դիմեց Սըրլին․
― Եկեք սենյակս։ Ուզում եմ խորհրդակցել ձեզ հետ։
Նրանք առանձնացան բավական երկար ժամանակ։ Երբ վերադարձան, երկուսն էլ անբացատրելի զվարթ տրամադրության մեջ էին, իսկ պրոֆեսորի ձեռքին թվանշաններով խզբզված մի թուղթ կար։ Նա նստեց հաղորդիչի մոտ ու կապվեց «Հերնի Լյուսի» հետ։
― Հըլլո՞, ― պատասխանեց Մարիանը փութով, ըստ երևույթին, նա սպասում էր դրան։ ― Արդյո՞ք որոշեցիք ետ կանգնել ձեր որոշումից։ Ես արդեն ձանձրանում եմ։
Պրոֆեսորը խիստ հայացքով նայեց նրան։
― Միսս Միտչել, ― ասաց նա։ ― Երևում է, դուք լուրջ չեք ընդունում մեր ասածը։ Այդ պատճառով էլ ես կամենում եմ ձեզ ապացուցել․․․ հըմ․․․, որ մենք չենք կատակում։ Ես ձեր շեֆին կտեղավորեմ մի այնպիսի դիրքում, որտեղից նրան ետ բերելը շատ մտահոգություն կպատճառի ձեզ։
― Մի՞թե, ― խուսափոխաբար պատասխանեց Մարիանը, թեպետ ինձ թվաց, որ նրա ձայնի մեջ երկյուղի նշաններ նկատեցի։
― Ես չեմ կարծում, ― հանդարտորեն շարունակեց պրոֆեսորը, ― որ դուք լավատեղյակ եք երկնային մեխանիկային։ Այնպես չէ՞։ Ցավում եմ։ Սակայն, ձեր օդաչուն կարող է հաստատել այն ամենը, ինչ ես ասելու եմ ձեզ։ Այո՞, միստր Հոպկինս։
― Շարունակեք, ― խորքում լսվեց մի զգույշ չեզոք ձայն։
― Ուրեմն ուշադիր լսեք, միսս Միտչել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մեր տարօրինակ, նույնիսկ վտանգավոր դիրքը այս արբանյակի վրա։ Բավական է դուրս նայեք պատուհանից, որպեսզի համոզվեք, թե մենք ինչքան մոտ ենք Յուպիտերին։ Եվ հազիվ թե հարկ կա հիշեցնել ձեզ, որ Յուպիտերը բոլոր մյուս մոլորակներից ամենազորավոր ձգողական դաշտն ունի։ Դուք ինձ լսո՞ւմ եք։
― Այո, ― հաստատեց Մարիանը՝ այլևս ոչ այնքան սառնասրտությամբ։ ― Շարունակեք։
― Շատ բարի։ Մեր այս փոքրիկ աշխարհը Յուպիտերի շուրջը լրիվ պտույտ է գործում ճիշտ և ճիշտ տասներկու ժամում։ Ահա, թե ինչ․ գոյություն ունի մի շատ հայտնի թեորեմ այն մասին, որ երբ մարմինը մի ուղեծրից ընկնում է դեպի ձգողության կենտրոնը, տեղ հասնելու համար նրան պահանջվում է պտույտի ժամանակի զրո ամբողջ հարյուր յոթանասունյոթ հազարերորդականը։ Այլ խոսքով, այստեղից դեպի Յուպիտեր ընկած որևէ մարմին մոլորակի կենտրոնը կհասնի մոտավորապես երկու ժամ յոթ րոպեում։ Ես համոզված եմ, նավապետ Հոպկինսը կհաստատի այդ բանը։
Հաջորդեց երկար ընդմիջում։ Այնուհետև մենք լսեցինք Հոպկինսի ձայնը․
― Իհարկե, ես չեմ կարող հաստատել հաշվումների ստույգությունը, բայց կարծում եմ, դրանք ճիշտ են։ Մոտավորապես այդպես պետք է լինի։
― Հիանալի է, ― շարունակեց պրոֆեսորը։ ― Այժմ ես համոզված եմ, դուք հասկանում եք, որ մոլորակի կենտրոնն ընկնելը զուտ տեսական հարց է։ Եթե, իսկապես, այստեղից մի որևէ առարկա նետենք, այն Յուպիտերի մթնոլորտի վերին շերտերին կհասնի անհամեմատ շատ ավելի կարճ ժամանակամիջոցում։ Հուսով եմ, չե՞մ ձանձրացնում ձեզ։
― Ոչ, ― ասաց Մարիանը բավական անկեղծորեն։
― Ես շատ ուրախ եմ, որ այդպես է։ Նավապետ Սըրլը ինձ համար հաշվարկ է կատարել, թե ինչքան կտևի անկումը․ ստացվում է մեկ ժամ երեսունհինգ րոպե՝ մի քանի րոպե պակաս կամ ավելի։ Մենք չենք կարող երաշխավորել լիակատար ճշտությունը, հա՜, հա՜։ Անշուշտ, ձեր ուշադրությունից չի վրիպել, որ մեր այս մոլորակը չափազանց թույլ ձգողական դաշտ ունի։ Տիեզերական երկրորդ արագությունը այստեղ ընդամենը տասը մետր է վայրկյանում, և նման արագության դեպքում նրանից դուրս նետված ամեն մի իր այլևս երբեք չի վերադառնա։ Ճի՞շտ է, միստր Հոպկինս։
― Միանգամայն ճիշտ է։
― Իսկ այժմ, անցնենք բուն գործին։ Հիմա մենք մտադիր ենք միստր Մեյզին զբոսանքի հանել։ Հենց որ նա կանգնած կլինի ճիշտ և ճիշտ Յուպիտերի տակ, մենք կհեռացնենք նրա տիեզերազգեստի հրթիռային ատրճանակները, և․․․ հո՛պ․․․ կհրենք նրան դեպի վեր։ Մենք պատրաստ կլինենք ետ բերել նրան մեր նավը, եթե մեզ վերադարձնեք ձեր գողացած գույքը։ Իմ տված բացատրություններից, անշուշտ, դուք հասկացաք, որ ժամանակը շատ թանկ է։ Մեկ ժամ երեսունհինգ րոպեն այնքան էլ շատ չէ, այնպես չէ՞։
― Պրոֆեսոր, ― շնչակտուր ասացի ես, ― դուք այդ բանը չեք անի։
― Լռեցե՛ք, ― գոռաց նա։ ― Եվ այսպես, միսս Միտչել, ի՞նչ կարծիքի եք։
Մարիանը աչքերը հառած՝ նայում էր նրան սարսափով ու թերահավատությամբ։
― Դուք պարզապես հոխորտում եք, ― գոչեց նա։ ― Ես չեմ հավատում, որ դուք կարող եք այդպես վարվել։ Ձեր անձնակազմը թույլ չի տա ձեզ։
Պրոֆեսորը հոգոց հանեց։
― Շատ եմ ցավում։ Նավապետ Սըրլ, միստր Գրովզ, բարի եղեք հանել բանտարկյալին և գործել ըստ հրահանգի։
― Ճիշտ այդպե՛ս, սըր, ― հանդիսավորությամբ պատասխանեց Սըրլը։
Մեյզը ակներևաբար վախվորած էր, բայց չէր ուզում զիջել։
― Ի՞նչ եք մտադիր հիմա անել, ― ասաց նա, երբ նրա տիեզերազգեստը վերադարձրին։
Սիրլը արձակեց նրա հրթիռային ատրճանակները։
― Հագնվեցե՛ք, ― կարգադրեց նա։ ― Մենք զբոսանքի ենք գնում։
Ես նոր միայն գլխի ընկա, թե ինչ էր ուզում անել պրոֆեսորը։ Այդ ամենը, իհարկե, բլեֆ էր, մեծ բլեֆ․ անշուշտ, նա Մեյզին մտադիր չէր նետել դեպի Յուպիտեր։ Ասենք, Սըրլն ու Գրովզն այդ բանը չէին անի։ Իսկ եթե Մարիանը հասկանա՞ր այդ բլեֆը, մենք բավականին հիմար վիճակում կլինեինք։
Մեյզը չէր կարող փախչել․ առանց հակազդիկ ատրճանակների նա շատ անօգնական էր։ Նրա թևերից բռնած և առաջ մղելով ինչպես օդապարիկ, Մեյզի ուղեպահակները նրան տանում էին դեպի հորիզոն՝ դեպի Յուպիտերը։
Ես տեսնում էի, թե ինչպես, մյուս նավից Մարիանը լուսանցույցներից ակնապիշ հետևում է հեռացող եռյակին։ Պրոֆեսոր Ֆորստերը նույնպես նկատեց այդ բանը։
― Ես հուսով եմ, դուք համոզվեցիք, միսս Միտչել, որ իմ մարդիկ դատարկ տիեզերահագուստ չեն տանում։ Ես կարծում եմ, դուք այս արարողությանը հետևո՞ւմ եք հեռադիտակով։ Մեկ րոպե հետո նրանք հորիզոնի վրա կլինեն, և դուք միստր Մեյզին մեկ էլ կտեսնեք, երբ նա ճամփա ընկնի․․․ դեպի վեր։
Բարձրախոսը համառորեն լռում էր։ Այդ տանջալից սպասումը, կարծես, վերջ չուներ։ Արդյո՞ք Մարիանը մտադիր էր ստուգել պրոֆեսորի վճռականությունը։
Հեռադիտակը ձեռքիս ես լայնածում էի երկինքը՝ ծիծաղելիորեն մոտիկ հորիզոնի վրա, երբ հանկարծ տեսա լույսի մի փոքրիկ շողք Յուպիտերի վիթխարի դեղին ֆոնի վրա։ Ես շտապով դիտակներս հարմարեցրի և նշմարեցի դեպի տիեզերք հեռացող մարդկային երեք ուրվագծեր։ Երբ ես հետևում էի, նրանք բաժանվեցին․ նրանցից երկուսը արգելակելով իրենց ատրճանակներով՝ սկսեցին ետ իջնել դեպի Յուպիտեր Հինգը, իսկ երրորդը շարունակում էր իր ընթացքը դեպի Յուպիտերի չարագուշակ զանգվածը։
Սարսափած ու տարակուսած ես դարձա պրոֆեսորին․
― Նրանք, իսկապես, այդ բանն արեցին, ― ճչացի ես։ ― Ես կարծում էի, դուք կատակում եք։
― Միսս Միտչելը նույնպես այդպես էր կարծում, ― հանգիստ ասաց պրոֆեսորը՝ որպեսզի միկրոֆոնի մեջ լսվեր։ Հուսով եմ, կարիք չկա ձեզ բացատրելու, որ հապաղելը մահ է։ Կարծեմ, ես արդեն ասել եմ, որ մեր ուղեծրից Յուպիտեր ընկնելու համար պահանջվում է իննսունհինգ րոպե։ Ասենք, միանգամայն բավական է նաև քառասուն րոպեն, որովհետև այլևս շատ ուշ կլինի․․․
Նա մի բազմանշանակ դադար տվեց։ Ոչ մի պատասխան մյուս նավից։
― Իսկ այժմ, ― շարունակեց պրոֆեսորը, ― ես անջատում եմ մեր ընդունիչը, որպեսզի խուսափենք անօգուտ վիճաբանությունից։ Մենք կսպասենք մինչև իջեցնեք արձանը, ինչպես նաև մյուս իրերը, որոնց մասին անզգուշորեն ասաց միստր Մեյզը, և ապա նոր կխոսենք ձեզ հետ։ Ցտեսությո՛ւն։
Անցան տասը տհաճ րոպեներ։ Ես կորցրել էի Մեյզի հետքը և շատ լրջորեն ինձ ու ինձ մտածում էի, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի կապկպենք պրոֆեսորին, հասնենք նրա զոհին և փրկենք, քանի դեռ մարդասպաններ չենք դարձել։ Սակայն բանն այն էր, որ հենց տիեզերանավի տեր ու տնօրեններն էին ոճիրն իրագործում։ Ես չգիտեի ինչ մտածել։
Բայց հենց այդ պահին «Հենրի Լյուսի» դռնակը դանդաղ բացվեց, ու երևացին տիեզերահագուստով երկու հոգի՝ իրենց հետ դուրս բերելով մեր բոլոր գլխացավանքների պատճառը։
― Անվերապահ կապիտուլյացիա, ― գոհունակությամբ մռթմռթաց պրոֆեսորը։ ― Բերեք այստեղ, ― կարգադրեց նա ռադիոյով, ― ես բաց կանեմ օդախցիկը։
Երևում էր, որ ամենևին էլ չէր շտապում։ Ես անհանգիստ ժամացույցին էի նայում․ արդեն անցել էր տասնհինգ րոպե։ Օդախցիկում լսվեց բամբյուն ու շառաչյուն, ներքին դուռը բացվեց, ու ներս մտավ նավապետ Հոպկինսը։ Նրա ետևից գալիս էր Մարիանը, որին միայն արնաթաթախ կացինն էր պակասում, որպեսզի Կլիտեմնեստրա լիներ։ Ես ջանում էի ամեն կերպ խուսափել նրա հայացքից, բայց պրոֆեսորը երևում է բավականին անամոթն էր։ Նա անցավ օդախցիկը, ստուգեց թե արդյոք ամեն ինչ վերադարձվել է, և ձեռքերը շփելով ներս մտավ։
― Ուրեմն այսպես, ― ասաց նա ցնծագին։ ― Այժմ եկեք նստենք ու խմենք այն բանի կենացը, որպեսզի մոռանանք այս անախորժությունները, համաձա՞յն ք։
― Դուք խելագարվե՞լ եք, ինչ է, ― բղավեցի ես՝ զայրույթով մատնացույց անելով ժամացույցը։ ― Նա արդեն անցել է դեպի Յուպիտեր տանող կես ճամփան։
Պրոֆեսոր Ֆորստերը դժկամորեն նայեց ինձ։
― Անհամբերությունը՝ ընդհանուր թերություն է երիտասարդների մոտ, ― ասաց նա։ ― Ես շտապելու ոչ մի պատճառ չեմ տեսնում։
Եվ առաջին անգամը լինելով, Մարիանը խոսեց․ նա, իսկապես, որ վախեցած էր։
― Բայց դուք խոստացաք, ― շշնջաց նա։
Պրոֆեսորը միանգամից լրջացավ։ Նա իր խաղը խաղացել էր, և այլևս չէր ուզում ձգձգել հոգեվարքը։
― Հանգիստ եղեք, միսս Միտչել, դուք նույնպես, Ջաք, ― Մեյզը ամենևին էլ վտանգի մեջ չէ։ Մենք կարող ենք գնալ և ցած իջեցնել նրան, երբ ցանկանանք։
― Ուրեմն դուք խաբե՞լ եք։
― Ամենևին էլ ոչ։ Իմ բոլոր ասածներս էլ ճշմարիտ են։ Դուք պարզապես սխալ եզրահանգումներ եք կատարել։ Երբ ես ասացի, որ մարմնին այստեղից Յուպիտերի վրա ընկնելու համար կպահանջվի իննսունհինգ րոպե, ես զանց առա (պետք է խոստովանեմ, առանց հետին մտքի) մի կարևոր պայման։ Ես պետք է ավելացնեի՝ «Յուպիտերի համեմատությամբ հանգստի վիճակում գտնվող մարմինը»։ Ձեր բարեկամ միստր Մեյզը թռչում է ուղեծրով այս արբանյակի հետ և նույնպիսի արագությամբ, ինչպես արբանյակը։ Վայրկյանում ընդամենը մի քսանվեց կիլոմետր, միսս Միտչել։ Ճիշտ է, մենք նրան Յուպիտեր Հինգից դուրս նետեցինք դեպի Յուպիտեր։ Բայց այն արագությունը, որ մենք այն ժամանակ հաղորդեցինք նրան, չնչին էր։ Իրականում նա շարունակում է շարժվել նախկին ուղեծրով։ Շատ֊շատ որ լինի (նավապետ Սըրլն այդ հաշվումներն արել է) նա այժմ խորացել է մի հարյուր կլիոմետր։ Եվ մի շրջան կատարելով, տասներկու ժամ հետո առանց մեզ անհանգստություն պատճառելու, նա կլինի նույն կետում, որտեղից սկսել էր։
Հետևեց մի երկարատև լռություն։ Մարիանի դեմքը արտահայտում էր և՛ հուսախաբություն, և՛ թեթևություն, և՛ խաբված մարդու վրդովմունք։ Ապա նա դարձավ նավապետ Հոպկինսին։
― Դուք, իհարկե, այս ամենը գիտեիք։ Ինչո՞ւ ինձ ոչինչ չասացիք։
Հոպկինսը մեղավորի հայացքով նայեց նրան։
― Դուք ինձ չեք հարցրել, ― ասաց նա։
Մեյզին ցած բերեցինք մեկ ժամ հետո։ Նա ընդամենը քսան կիլոմետր էր հեռացել, և նրան բավականին շուտ գտանք նրա զգեստին ամրացված առկայծալամպի շնորհիվ։ Նրա ռադիոն շարքից հանված էր, և ահա թե ինչու։ Մեյզը բավականին խելացի էր, որպեսզի հասկանար, որ նրան ոչ մի վտանգ չի սպառնում, և եթե նրա ռադիոընդունիչն աշխատեր, ապա նա կարող էր կապվել իր նավի հետ ու մերկացնել մեր բլեֆը։ Ասենք, ով գիտի։ Եթե ես լինեի նրա տեղը, անմիջապես ետ կկանգնեի մտադրությունիցս, թեկուզ և հարյուր տոկոսով համոզված լինեի, որ ինձ ոչինչ չի պատահի։ Կարծում եմ, նա իրեն շատ միայնակ է զգացել այնտեղ, վերևում․․․
Ի զարմանս ինձ, Մեյզը այնքան էլ բարկացած չէր, որքան ես սպասում էի։ Նա նույնիսկ թեթևություն զգաց՝ մտնելով մեր փոքրիկ հանգստավետ խուցը, երբ հրթիռների մեղմ շնկշնկոցով մեր նավով մոտեցանք նրան ու ներս քաշեցինք։ Կամ գուցե մտածեց, որ պարտվել է գեղեցիկ մենամարտում և դժկամելու հարկ չկա։ Ես կարծում եմ, ճիշտը վերջինն է։
Ավելորդ չի լինի նաև պատմել, որ դրանից բացի, մենք մի խաղ էլ խաղացինք նրա գլխին՝ մինչև «Հինգից» մեկնելը։ Նա իր ամբարներում շատ ավելի վառելիք ուներ, քան դրա կարիքն զգացվում էր իրականում, մանավանդ հիմա, երբ նրա առևտրական բեռը զգալիորեն պակասել էր։ Ավելցուկը մեզ պահելով, մենք ի վիճակի էինք «Դեսպանորդին» մեզ հետ վերցնել Գանիմեդ։ Հա, քիչ մնաց մոռանայի, պրոֆեսորը մի տեղեկանք տվեց նրան՝ փոխարինաբար վերցրած վառելիքի համար։ Այնպես որ, ամեն ինչ օրինական էր։
Այս պատմությունը, սակայն, մի հետաքրքիր շարունակություն ունի, որը ես ձեզ կպատմեմ։ Բրիտանական թանգարանի նոր պատկերասրահի բացման հաջորդ օրն իսկ ես գնացի այնտեղ «Դեսպանորդին» տեսնելու․ ուզում էի ստուգել, թե արդյոք նա նույնքան տպավորիչ է նոր իրապայմաններում։ (Ի դեպ, դա այդպես չէր՝ թեպետ տպավորությունը, այնուամենայնիվ, ուժեղ էր)։ Պատկերասրահը լեփ֊լեցուն էր բազմությամբ, ու նրանց մեջ ես տեսա Մեյզին ու Մարիանին։
Այս ամենը վերջացավ նրանով, որ բոլորս միասին ճաշեցինք Հոլբորնի ռեստորանում և հաճելի ժամանակ անցկացրինք։ Ես արժանին պետք է հատուցեմ Մեյզին, նա քեն չէր պահել մեր հանդեպ։ Բայց Մարիանը մեղքս գալիս է։
Անկեղծ եմ ասում, չեմ հասկանում, թե նա ինչ է գտել Մեյզի մեջ։