«Կորուսյալ աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն
(→Գլուխ VI «Ինձ կոչում էին աստծու խարազան») |
|||
(14 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 3. | Տող 3. | ||
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | |հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | ||
|թարգմանիչ = Խ․ Հրաչյան (ռուսերենից) | |թարգմանիչ = Խ․ Հրաչյան (ռուսերենից) | ||
− | |աղբյուր = [[«Նոթեր | + | |աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»]] |
}} | }} | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
− | + | [[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]] | |
Տող 276. | Տող 276. | ||
− | ==Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ | + | ==Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ է== |
Տող 918. | Տող 918. | ||
− | ==Գլուխ | + | ==Գլուխ II «Ինձ կոչում էին աստծու խարազան»== |
Տող 1035. | Տող 1035. | ||
− | ==Գլուխ VII «Վաղը մեկնում ենք դեպի | + | ==Գլուխ VII «Վաղը մեկնում ենք դեպի անհայտը»== |
Տող 1129. | Տող 1129. | ||
Դատելով մեր ղեկավարի խիստ ինքնավստահ տեսքից, նա պատրաստվում է իրապես ապացուցելու իր ճշմարտացիությունը, և ես, հակառակ պրոֆեսոր Սամերլիի համառ հոռետեսության, չեմ կասկածում, որ մենք իսկապես գտնվում ենք մեծագույն ու ապշեցուցիչ իրադարձությունների նախորյակին։ | Դատելով մեր ղեկավարի խիստ ինքնավստահ տեսքից, նա պատրաստվում է իրապես ապացուցելու իր ճշմարտացիությունը, և ես, հակառակ պրոֆեսոր Սամերլիի համառ հոռետեսության, չեմ կասկածում, որ մենք իսկապես գտնվում ենք մեծագույն ու ապշեցուցիչ իրադարձությունների նախորյակին։ | ||
− | + | ||
+ | |||
+ | ==Գլուխ VIII Նոր աշխարհի մատույցներում== | ||
+ | |||
+ | |||
+ | Թող հայրենիքում մեր բարեկամներն ուրախանան մեզ հետ միասին՝ մենք հասանք մեր ճանապարհորդության նպատակակետին և այժմ հաստատապես կարող ենք ասել, որ պրոֆեսորի պնդումները ստուգման կենթարկվեն։ Ճիշտ է, արշավախումբը դեռ չի բարձրացել սարահարթը, բայց նա այնտեղ է, մեր առջև․ նրա հանդեպ մինչև իսկ պրոֆեսոր Սամերլին հոգով մի փոքր մեղմացավ։ Անշուշտ, նա մտածել անգամ չի ուզում, թե իր ախոյանն իրավացի է, բայց սկսել է ավելի քիչ վիճել և մեծ մասամբ զգույշ լռություն պահպանել։ | ||
+ | |||
+ | Սակայն վերադառնամ պատմությանս և շարունակեմ այնտեղից, որտեղ ընդհատված էր այն։ Մենք ետ ենք ուղարկում հնդկացիներից մեկին, որի ձեռքը ծանր վիրավորվել էր։ Ես նրա հետ նամակ եմ ճամփելու, բայց կհասնի՞ արդյոք ըստ պատկանելույն, խիստ կասկածում եմ։ | ||
+ | |||
+ | Վերջին գրառումն արեցի այն օրը, երբ մենք պատրաստվում էինք թողնել հնդկական գյուղակը, որտեղ մեզ հասցրել էր «Էսմերալդան»։ Այս անգամ պետք է սկսեմ տհաճ պատմությամբ, որովհետև այդ երեկո մեր խմբի երկու անդամների միջև տեղի ունեցավ առաջին լուրջ գժտությունը, որը քիչ մնաց ողբերգական վախճան ունենար։ Պրոֆեսորների մշտական ընդհարումներն, իհարկե, հաշվի մեջ չեն մտնում։ Արդեն գրել եմ մեր մետիս Գոմեսի մասին, որը խոսում է անգլերեն։ Նա հիանալի աշխատող է, խիստ պատրաստակամ մարդ, սակայն տառապում է հիվանդագին հետաքրքրասիրությամբ՝ մի արատով, որը հատուկ է մարդկանց մեծ մասին։ Գյուղակից մեկնելու նախորդ երեկոյան Գոմեսը, ըստ երևույթին, թաքնվել էր խրճիթի մոտերքում, ուր մենք քննարկում էինք մեր պլանները, և սկսել ականջ դնել։ Հսկա Սամրոն, որ շան պես հավատարիմ է մեզ և, իր բոլոր ցեղակիցների նման, ատում է մետիսներին, բռնեց նրան ու քարշ տվեց խրճիթ։ Գոմեսը դանակը քաշեց և կխփեր նեգրին, եթե սա, իսկապես անհավատալի ուժի տեր լինելով, ժամանակին մի ձեռքով նրան չզինաթափեր։ Մենք երկուսին էլ նախատեցինք, ստիպեցինք իրար ձեռք սեղմել և հուսով ենք, թե բանը դրանով էլ կվերջանա։ Ինչ վերաբերում է մեր երկու գիտնականների միջև եղած թշնամանքին, ապա այն ոչ միայն չի մեղմանում, այլ գնալով ավելի ու ավելի է բորբոքվում։ Պետք է խոստովանել, որ Չելենջերն իրեն պահում է խիստ գրգռիչ կերպով, իսկ Սամերլիի կծու լեզուն ոչ մի կերպ չի նպաստում նրանց հաշտեցմանը։ Երեկ, օրինակ, Չելենջերն ասաց, որ նա չի սիրում զբոսնել Թեմզայի ափերին, որովհետև տխուր է նայել այն վերջին կայանին, որն սպասում է իրեն։ Պրոֆեսորը ոչ մի կասկած չունի, որ իր աճյունը հանգչելու է Վեստմինստերյան աբբայությունում։ Սամերլին թթու կերպով ժպտաց, ասելով․ | ||
+ | |||
+ | ― Որքան ինձ հայտնի է, Միլբենկի բանտը վաղուց են քանդել։ | ||
+ | |||
+ | Չելենջերի անսահման մեծամտությունը թույլ չի տալիս նրան նեղանալու այդպիսի խայթոցներից, դրա համար էլ նա միայն քմծիծաղեց մորուքի մեջ և, ասես դիմելով երեխայի, ներողամիտ տոնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, լավ։ | ||
+ | |||
+ | Այդ երկու մարդիկ իրենց խելքով ու գիտելիքներով կարող են տեղ գրավել գիտությաան լուսատուների առաջին շարքում, սակայն իրոք իսկական մանուկներ են։ Մեկը՝ չորիկ֊մորիկ, փնթփնթան, մյուսը՝ պարարտ, տիրական։ Խելք, կամք, հոգի․․․ Որքան կյանքը շատ ես ճանաչում, այնքան ավելի պարզ ես տեսնում, թե ինչպես հաճախ մեկը մյուսին չի համապատասխանում։ | ||
+ | |||
+ | Նկարագրված դեպքի հաջորդ օրը ճամփա ընկանք, որը և կարելի է համարել մեր նշանավոր էքսպեդիցիայի սկիզբը։ Ամբողջ հանդերձանքը շատ լավ տեղավորվեց երկու նավակներում, իսկ մենք ինքներս բաժանվեցինք երկու խմբի, յուրաքանչյուրը վեցական մարդ, ըստ որում, ելնելով ընդհանուր հանգստության շահերից, պրոֆեսորներին տարբեր նավակների մեջ տեղավորեցինք։ Ես նստեցի Չելենջերի հետ, որն այժմ լուռ ինքնամոռացության մեջ էր և ճառագում էր ամբողջովին։ Բայց ես արդեն տեսել էի նրան այդ տրամադրությամբ և պատրաստ էի ամեն րոպե պարզ երկնքից որոտ լսելու։ Այդ մարդու հետ երբեք չես կարող քեզ հանգիստ զգալ, սակայն դրա փոխարեն չես էլ ձանձրանա, որովհետև նա շարունակ ստիպում է քեզ սարսռալ, սպասելով իր բուռն խառնվածքի հանկարծական բռնկումներին։ | ||
+ | |||
+ | Երկու օր բարձրանում էինք վերև լայն գետով, որի ջուրը սև էր, բայց այնքան հստակ, որ կարելի էր հատակը տեսնել․ այդպես է Ամազոնի բոլոր վտակների կեսը, իսկ մյուսների ջուրը պղտոր սպիտակավուն գույն ունի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղով են հոսում նրանք․ այնտեղ, ուր բուսահող կա, ջուրը պարզ է, իսկ կավահողերում պղտորվում է նա։ Երկու անգամ դեմ առանք սահանքի, և երկու անգամ էլ կես մղոնաչափ շրջանցում կատարեցինք՝ մեր ամբողջ գույքը ձեռքով տեղափոխելով։ Ափերին փռված էին դարվոր անտառները, որոնցով ավելի հեշտ է անցնել, քան խիտ մացառուտի միջով, ուստի մեր բեռը մեզ մի առանձին դժվարություն չպատճառեց։ Երբեք չեմ մոռանա հանդիսավոր գաղտնիքի այն զգացումը, որ ունեցել եմ այդ անտառներում։ Բնիկ քաղաքաբնակը նույնիսկ չի կարող պատկերացնել այդպիսի հզոր ծառեր, որոնք համարյա տեսողությանն անմատչելի բարձրունքում իրար են հյուսում ճյուղերի գոթական նիզակները, ստեղծելով մի համատարած կանաչ վրան, որի միջով միայն տեղ֊տեղ, մի ակնթարթ այդ հանդիսավոր խավարը ճեղքելով, թափանցում է արևի շողը։ Անցյալ տարվա տերևների խիտ, փափուկ գորգը խլացնում է մեր քայլերի ձայնը։ Մենք գնում էինք, համակված այնպիսի երկյուղածությամբ, ինչպիսին զգում ես երևի միայն Վեստմինստերյան աբբայության մռայլ կամարների տակ։ Նույնիսկ պրոֆեսոր Չելենջերն իր թնդուն բասը իջեցրել էր մինչև շշնջյուն։ Եթե ես այստեղ մենակ լինեի, երբեք չէի իմանա այս ծառերի անունները, սակայն մեր գիտնականները հենց մի գլուխ ցույց էին տալիս եղևնիներ, հսկա կաղամախիներ, կոնդորներ և շատ այլ տեսակի ծառեր, որոնց առատության շնորհիվ այս մայրցամաքը դարձել է մարդու համար բնության այն պարգևների գլխավոր մատակարարիչը, որոնք վերաբերում են բուսական աշխարհին, այն ժամանակ, երբ նրա կենդանական աշխարհը խիստ աղքատ է։ | ||
+ | |||
+ | Սև ծառաների վրա բոցկլտում էին վառ խոլորձները և իրենց գույներով ապշեցնող քարաքոսները, իսկ երբ արևի մի պատահական շող ընկնում էր ոսկե ալլամանդայի, ժակսոնիայի մուգ կարմիր աստղերի կամ իմպոմեայի թունդ կապույտ ողկյուզների վրա, թվում էր, թե միայն հեքիաթներում կարող է այդպես լինել։ Այդ թավ անտառներում ամեն կենդանի բան ձգտում է դեպի լույսը, առանց որի մահ է։ Ամեն մի ընձյուղ, անգամ ամենաթույլը, բարձրանում է միշտ վեր ու վեր՝ փաթաթվելով իր ավելի ուժեղ ու բարձրահասակ ընկերներին։ Սողացող բույսերն այստեղ հասնում են հրեշավոր չափերի, իսկ նրանք, որոնք եվրոպացու կարծիքով իբրև թե չպետք է ոլորվեին, կամա թե ակամա ձեռք են բերում այդ արվեստը, միայն թե դուրս պրծնեն թանձր խավարից։ Ես տեսա, օրինակ, թե ինչպես սովորական եղինջը, հասմիկը և նույնիսկ յասիտարա արմավենին փաթաթվել էին եղևնիների բներին՝ հասնելով մինչև նրանց գագաթները։ | ||
+ | |||
+ | Ներքևում, կանաչ վեհասքանչ կամարների տակ, ոչ խշխշոց էր լսվում, ոչ ծվոց, սակայն մեր գլխավերևում ինչ֊որ տեղ անընդհատ եռուզեռ էր։ Այնտեղ, արևի ճառագայթների տակ պատսպարվել էր օձերի, կապիկների, թռչունների և համրուկների մի ողջ աշխարհ, որը, հավանորեն, զարմանքով էր նայում մարդկային պստլիկ ֆիգուրաներին, որոնք քայլում էին ներքևում խորհրդավոր կիսախավարով լցված այդ անդունդի հատակով։ | ||
+ | |||
+ | Լուսաբացին և մայրամուտին անտառի թավուտը թնդում էր ճղավող կապիկների համերաշխ ոռնոցից և երկարապոչ թութակների խլացուցիչ կանչերից։ Սակայն տոթ ժամերին լսում էինք միայն միջատների անընդհատ բզզոցը, որը հիշեցնում էր ալեկոծության հեռավոր աղմուկը, և ուրիշ ոչինչ․․․ Ոչ մի բան չէր խանգարում ծառաբների այդ սյունաշարի հանդիսավոր վեհությունը, որոնք բարձրանում, կորչում էին մեր գլխավերևում կախված խավարի մեջ։ Միայն մի անգամ ծառերի խիտ ստվերի միջով անշնորհք կերպով քարշ եկավ ինչ֊որ ծուռթաթ գազան՝ ոչ այն է մրջնակեր, ոչ այն է արջ։ Դա միակ նշանն էր, թե Ամազոնի անտառներում կենդանի արարածներ կան նաև գետնի վրա։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ որոշ այլ նշաններ վկայում էին նաև մարդու ներկայության մասին այդ խորհրդավոր անտառներում՝ մարդ, որն այնքան հեռու չէր մեզանից։ Երրորդ օրը ինչ֊որ տարօրինակ ռիթմիկ աղմուկ լսեցինք, որը մերթ մարում, մերթ նորից էր թնդացնում օդը իր հանդիսավոր դղրդյունով, և այդպես ամբողջ առավոտը։ Երբ առաջին անգամ այդ թնդյունը լսեցինք, նավակները լողում էին իրարից մի քանի յարդ հեռավորության վրա։ Հնդկացիները քարացան տեղներում, ասես վերածվելով բրոնզե արձանների, նրանց դեմքներին սարսափ էր նկարված։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ է, ― հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Թմբուկներ, ― անփութորեն պատասխանեց լորդ Ջոնը։ ― Մարտական թմբուկներ։ Ես արդեն առիթ ունեցել եմ լսելու դրանց թնդյունները։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, սըր, մարտական թմբուկներ են, ― հաստատեց մետիս Գոմեսը։ ― Հնդկացիները չար ժողովուրդ են։ Նրանք հետևում են մեզ։ Հնդկացիները ուզում են մեզ սպանել։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ հնարքով են նրանք հետևել մեզ, ― հարցրի ես՝ աչքս հառած մութ, անշարժ թավուտին։ | ||
+ | |||
+ | Մետիսն ուսերը թոթվեց։ | ||
+ | |||
+ | ― Հնդկացիները ամեն ինչ կարող են։ Նրանք հետևում են մեզ։ Միշտ էլ էդպես է լինում։ Թմբուկները խոսում են իրար մեջ։ Հնդկացիներն ուզում են մեզ սպանել։ | ||
+ | |||
+ | Կեսօրին, ― իմ ծոցատետրում նշված է, որ դա օգոստոսի ութին էր, երեքշաբթի օրը, ― բոլոր կողմերից մեզ շրջապատեց ոչ պակաս վեց֊յոթ թմբուկների դղրդյուն։ Նրանք մերթ արագացնում, մերթ դանդաղեցնում էին ռիթմը։ Ահա ինչ֊որ տեղ արևելքում, լսվեց կտրուկ, ընդհատ մի տարափ․․․ լռություն․․․ Թավ դղրդյուն հյուսիսային կողմից։ Այդ անընդհատ որոտը հնչում էր համարյա իբրև հարց ու պատասխան։ Նրա մեջ ինչ֊որ ահեղ, ջղերի վրա ներգործող բան կար։ Այդ որոտը միաձուլվում, փոխվում էր բառերի, այն բառերին, որ շարունակ կրկնում էր մեր մետիսը․ «Կսպանե՛նք․․․ կսպանե՛նք․․․» Լուռ անտառում ոչ մի շարժում չկար։ Կանաչի մութ ծածկոցը շնչում էր հանգիստ ու խաղաղ, որը հատուկ է միայն բնությանը։ Սակայն այդ վարագույրի ետևից անդադար հասնում էր նույն գույժը, որ եղբայր֊մարդը ուղարկում էր մեզ։ «Կսպանե՛նք», ասում էին արևելքում գտնվողները։ «Կսպանե՛նք», պատասխանում էին նրանց հյուսիսից։ | ||
+ | |||
+ | Թմբուկները որոտում ու շշնջում էին ամբողջ օրը, և նրանց ձայներում հնչող սպառնալիքն իբրև զարհուրանք արտացոլվում էր մեր գունավոր ուղեկիցների դեմքերին։ Մինչև իսկ համարձակ, պարծենկոտ մետիսը վախեցավ։ Դրա փոխարեն այդ նույն օրը ես առիթ ունեցա համոզվելու, որ Սամերլին ու Չելենջերը բարձրագույն արիության տեր մարդիկ են, արիություն, որ հատուկ է լուսավոր մտքերին։ Նույնպիսի խիզախությամբ էր պահել իրեն Դարվինը Արգենտինայի գաուչոսների ու Ուոլլեսը՝ Մալայաի գանգորաների մեջ։ Այդպես է տնօրինել արդեն ողորմած բնությունը․ մարդը չի կարող միաժամանակ երկու բանի մասին մտծել, և այնտեղ, ուր խոսում է գիտական հետաքրքրասիրությունը, անձնական կյանքի նկատառումների համար տեղ չի մնում։ | ||
+ | |||
+ | Երկու պրոֆեսորն էլ մոտիկից անցնող ո՛չ մի թռչուն, ափին բուսած ո՛չ մի թուփ աչքից բաց չէին թողնում և մի գլուխ կատաղի վեճի էին բռնվում՝ չլսելով խորհրդավոր, ահեղ որոտյունը։ Սամերլին առաջվա պես խայթում էր Չելենջերին, որը սովորության համաձայն թնդացնում էր իր բասը, և ո՛չ մեկը, ո՛չ մյուսը հարկ չէր համարում թեկուզ մի խոսք ասել հնդկական թմբուկների մասին, կարծես այդ ամենը տեղի էր ունենում Սենտ֊Ջեյմս֊ստրիտի վրա, Կայսերական ընկերության ակումբի ծխասենյակում։ Նրանք միայն մի անգամ ուշադրության արժանացրին հնդկացիներին։ | ||
+ | |||
+ | ― Միրանխա կամ թերևս ամայյուկա ցեղի մարդակերներն են, ― ասաց Չելենջերը՝ մեծ մատը պարզելով անտառի կողմը, որտեղից լսվում էին թմբուկների ձայները։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, սըր, ― պատասխանեց Սամերլին, ― և, ինչպես այստեղի բոլոր ցեղախմբերը, նրանք էլ պատկանում են մոնղոլական ցեղին, իսկ նրանց լեզուն բազմասինթետիկ է։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, բազմասինթետիկ է, ― ներողամտաբար համաձայնեց Չելեմջերը։ ― Որքան ինձ հայտնի է, այս մայրցամաքում այլ լեզուներ գոյություն չունեն։ Ես գրի եմ առել ավելի քան հարյուր բարբառ։ Իսկ ինչ վերաբերում է մոնղոլական ցեղին, ապա այստեղ ես խիստ կասկածում եմ։ | ||
+ | |||
+ | ― Մինչդեռ թվում էր՝ բավական է համեմատական անատոմիայի հետ ամենամակերեսային ծանոթությունն իսկ, որպեսզի այդ տեսությունը ճիշտ համարես, ― թունավոր տոնով նկատեց Սամերլին։ | ||
+ | |||
+ | Չելենջերը մարտականորեն վեր ցցեց կզակը։ Ծղոտե լայնեզր գլխարկի եզրեր և մորուք՝ ահա այն ամենը, ինչ տեսնում էինք մենք։ | ||
+ | |||
+ | ― Դուք իրավացի եք, սըր, մակերեսային ծանոթությունն ուրիշ ոչինչ տալ չի կարող։ Սակայն խոր գիտելիքները հարկադրում են այլ եզրակացությունների հանգել։ | ||
+ | |||
+ | Նրանք չար հայացքներով ուտում էին իրար, իսկ այդ ժամանակ անտառում հազիվ լսելի շշուկով անցնում էր արձագանքը․ «Կսպանե՛նք, կսպանե՛նք․․․ կսպանե՛նք․․․» | ||
+ | |||
+ | Երեկոյան նավակներն ուղղեցինք դեպի գետի մեջտեղը, խարիսխների փոխարեն հարմարեցրինք ծանր քարեր և պատրաստվեցինք հնարավոր հարձակման։ Սակայն գիշերը խաղաղ անցավ, և լույսը բացվելու հետ մենք շարունակեցինք առաջ գնալ հեռվում մարող թմբուկների տարափի տակ։ Ժամը երեքի մոտերքը բարձր սահանքները, որոնք ձգվում էին մոտ մեկուկես մղոն երկարությամբ, փակեցին մեր ճանապարհը․ դրանք հենց այն սահանքներն էին, որտեղ պրոֆեսոր Չելենջերն աղետի էր ենթարկվել իր առաջին էքսպեդիցիայի ժամանակ։ | ||
+ | |||
+ | Խոստովանում եմ, որ այդ սահանքները սրտապնդեցին ինձ․ դա Չելենջերի պատմածների ճշտության առաջին, թեկուզ և թույլ, հաստատումն է։ | ||
+ | |||
+ | Հնդկացիները խիտ մացառուտների միջով անցկացրին նախ նավակները, ապա հանդերձանքը, իսկ մենք, չորս սպիտակներս, հրացանը ձեռքներիս գնում էինք շղթայաձև, պաշտպանելով նրանց այն վտանգից, որը կարող էր պայթել անտառից։ Երեկոյան մեր խումբը բարեհաջող կերպով անցավ սահանքները, բարձրացավ հոսանքն ի վեր մի տասը մղոն և կանգ առավ գիշերելու։ Իմ մոտավոր հաշվումներով, այդ ժամանակ Ամազոնը ամենաքիչը մոտ հարյուր մղոն ետ էր մնացել։ | ||
+ | |||
+ | Մյուս օրը վաղ առավոտյան կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Դեռևս լուսադեմից պրոֆեսոր Չելենջերը զննում էր երկու ափերն էլ՝ ակներևաբար ինչ֊որ բանից անհանգստացած։ Բայց ահա նա ուրախ բացականչեց և ցույց տվեց բոլորովին ջրի վրա խոնարհված մի ծառ։ | ||
+ | |||
+ | ― Ձեր կարծիքով ի՞նչ ծառ է այն, ― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ ասսայի արմավենի, ― ասաց Սամերլին։ | ||
+ | |||
+ | Ճիշտ է։ Հենց այդ արմավենին էլ իմ գլխավոր նշանն էր։ Մի երկու մղոն էլ վերև բարձրանանք այն ափով, և մենք կմոտենանք թավուտում քողարկված մի վտակի։ Ծառերն այնտեղ համատարած պատնեշ են կազմում, իսկ նրանց ետևում թաքնվում է գաղտնիքը։ Ահա, տեսնում եք, մութ մացառուտին փոխարինում է բաց կանաչ եղեգնը։ Հենց այնտեղ էլ, բարձր բարդիների միջով, բացվում է դեպի Անհայտ երկիրը տանող դուռը։ Հիմա ինքներդ կհամոզվեք ամեն ինչում։ Դե, առաջ։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, մեզ մնում էր միայն ապշել։ Հասնելով այնտեղ, ուր սկսվում էր բաց կանաչավուն եղեգնուտը, մենք մխրճվեցինք նրա մեջ, ապա մի հարյուր յարդ վարեցինք երկու նավակները, ձողափայտի օգնությամբ հեռանալով ափից, և, վերջապես, դուրս եկանք մի խաղաղ, ոչ խոր գետակ, որի հստակ ջրերի միջից պարզ երևում էր ավազե հատակը։ Նրա նեղ ափերը պատված էին փարթամ կանաչով։ | ||
+ | |||
+ | Նա, ով չէր նկատի, որ այստեղ խիտ մացառուտի փոխարեն աճում է եղեգնը, երբեք չէր կարող գուշակել այդ գետակի և նրա ետևում ընկած կախարդական աշխարհի գոյության մասին։ | ||
+ | |||
+ | Այո, դա իսկապես որ կախարդական մի աշխարհ էր։ Այդպիսի սքանչելիք կարող է պատկերել միայն մարդկային ամենավառ երևակայությունը։ Խիտ ոստերը հյուսվում էին մեր գլխավերևում՝ կազմելով մի բնական կանաչ կամար, իսկ այդ թունելի միջով հոսում էր կանաչ թափանցիկ գետը։ Ինքնին գեղեցիկ, նա է՛լ ավելի սքանչելի էր թվում լույսի այն քմահաճ պուտերից, որ գցում էին սաղարթի միջով թափանցող արևի շողերը։ Ջրի մակերեսը, որ հստակ էր, ինչպես բյուրեղ, անշարժ, ինչպես հայելի, ափերի մոտ կանաչին տվող, ինչպես սառցալեռ, շողշողում էր սաղարթների քանդակած կամարի ներքո՝ ալեկոծվելով մեր թիակների հարվածներից։ Դա մի ճանապարհ էր, որն արժանի էր հրաշքների աշխարհին, դեպի ուր նա տանում էր։ | ||
+ | |||
+ | Այժմ հնդկացիների ներկայությունն այլևս չէր զգացվում, դրա փոխարեն ավելի հաճախ էինք հանդիպում կենդանիների, որոնց դյուրավստահությունը վկայում էր, որ նրանք դեռևս որսորդ չեն տեսել։ Շլացուցիչ սպիտակ ատամներով և խորամանկ աչքերով սև, թավամազ կապիկները մեզ ուղեկցում էին խլացնող ճղավոցներով։ Երբեմն ափից ծանր ճողփյունով ջուրն էր ընկնում ամերիկյան կոկորդիլոսը։ Մի անգամ թփերի միջից դուրս նայեց ծանրամարմին գետակինճը և, մի րոպե կանգնելով, ծանր քայլերով կորավ թավուտում։ Հետո ծառերի միջև մի ակնթարթ երևաց խոշոր կատվառույծի ճկուն մարմինը․ նա ընթացքի ժամանակ շուռ եկավ, և շեկ ուսի վրայից մեզ վրա փայլեցին նրա ատելությամբ լի կանաչ աչքերը։ Այստեղ թռչուններ շատ կային, առանձնապես՝ ճահճային։ Ջրի վրա կռացած յուրաքանչյուր ծառին փոքրիկ խմբերով նստել էին քաջահավեր, ձկնկուլներ, արագիլներ՝ կապույտ, վառ կարմիր, սպիտակ, իսկ բյուրեղի պես ջինջ ջրում վխտում էին ծիածանի բոլոր գույնի ձկները։ | ||
+ | |||
+ | Երեք օր մենք լողում էինք այդ ոսկեկանաչ թունելի միջով։ Նայելով հեռուն՝ դժվար էր տարբերել, թե որտեղ է վերջանում կանաչ ջուրը և որտեղ սկսվում կանաչ կամարը։ Ոչ մի բան չէր խանգարում այդ գետի խոր հանգիստը՝ այդտեղ մարդկային հետքեր չկային։ | ||
+ | |||
+ | ― Հնդկացիներ չկան։ Նրանք վախենում են Կուրուպուրիից, ― ասաց մի անգամ Գոմեսը։ | ||
+ | |||
+ | ― Կուրուպուրին անտառի ոգին է, ― բացատրեց լորդ Ջոնը։ ― Այստեղ այդ անունով կոչում են այն ամենը, ինչն իր մեջ կրում է չարության սկիզբը։ Խեղճ տեղացիները վախենում են նույնիսկ այստեղ երևալուց, նրանց թվում է, թե ինչ֊որ զարհուրելի բան է թաքնված այս վայրերում։ | ||
+ | |||
+ | Երրորդ օրը պարզ դարձավ, որ անհրաժեշտ է նավակներից բաժանվել․ գետն սկսեց արագ ծանծաղել, և նավակները շարունակ հատակով քերում էին ավազը։ Ի վերջո նավակները դուրս քաշեցինք ջրից և գիշերելու համար տեղավորվեցինք առափնյա թփուտում։ Առավոտյան ես ու լորդ Ջոնը գետին զուգահեռ մի երկու մղոն անցանք անտառով և, համոզվելով, որ գետը ավելի ու ավելի է ծանծաղում, վերադարձանք այդ լուրը հայտնելու պրոֆեսոր Չելենջերին, դրանով իսկ հաստատելով նրա ենթադրությունը, թե հասել ենք այն վերջին կետին, որից հետո նավակներով գնալն անհնար է։ Այն ժամանակ մենք նավակները քաշեցինք ավելի վերև, թաքցրեցինք թփերի մեջ և հարևան ծառի վրա կտրվածք արինք, որպեսզի վերադարձին մեր թաքստոցը կարողանայինք գտնել։ Այնուհետև, մեջ֊մեջ անելով բեռը, ― հրացաններ, փամփուշտներ, սննդամթերք, վերմակներ, վրան և ուրիշ եղած֊ճեղած, ― հակերն առանք ուսներիս և նորից ճամփա ընկանք, որի վերջին էտապը շատ ավելի մեծ դժվարություններ էր խոստանում մեզ, քան սկիզբը։ | ||
+ | |||
+ | Այդ առավոտը, դժբախտաբար, նշանավորվեց մեր երկու աքաղաղների ընդհարմամբ։ Միանալով մեզ՝ Չելենջերն իսկույն արշավախմբի ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց՝ ակնհայտ անբավականություն պատճառելով Սամերլիին։ Եվ հենց որ Չելենջերը կարգադրություն արավ իր կոլեգային՝ ընդամենը աներոիդե ծանրաչափը վերցնել, հաջորդեց պայթյունը։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք հարցնել, սըր, ― սպառնալից հանգստությամբ խոսեց Սամերլին, ― դուք ի՞նչ իրավունքով եք հրամանատարություն անում։ | ||
+ | |||
+ | Չելենջերը բռնկվեց և փշաքաղվեց ամբողջովին։ | ||
+ | |||
+ | ― Արշավախմբի պետի իրավունքով, պրոֆեսոր Սամերլի։ | ||
+ | |||
+ | ― Ստիպված եմ հայտարարել, սըր, որ ես ձեզ չեմ ընդունում իբրև այդպիսսին։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, ահա թե ի՜նչ։ ― Չելենջերն իրոք որ փղային նազելիությամբ ծաղրաբար գլուխ տվեց նրան։ ― Այն ժամանակ թերևս, դուք կբարեհաճեք ցույց տալ իմ տե՞ղը ձեր մեջ։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, սըր։ Դուք մի մարդ եք, որի խոսքերը կասկածի տակ են առնված, իսկ մենք՝ այն հանձնաժողովի անդամներն ենք, որն ստեղծված է ձեզ ստուգելու համար։ Դուք գնում եք ձեր դատավորների հետ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Ողորմա՜ծ աստված, ― բացականչեց Չելենջերը՝ նստելով շուռ տված նավակի վրա։ ― Այդ դեպքում բարի եղեք ձեր ճամփով գնալ, իսկ ես, առանց շտապելու, կհետևեմ ձեզ։ Քանի որ ես չեմ գլխավորում այդ արշավախումբը, կարիք չկա նրա առջևից գնալ։ | ||
+ | |||
+ | Գոհություն աստծու, որ մեր խմբում գտնվեցին երկու ողջամիտ մարդ՝ լորդ Ջոնը և ես, այլապես մեր գիտնական մարդկանց խևությունն ու տաքարյունությունը կհասցնեին այն բանին, որ մենք դատարկաձեռն կվերադառնանք Լոնդոն։ Որքա՜ն վեճեր, համոզել, բացատրություններ, մինչև որ հանգստացրինք նրանց։ Վերջապես, Սամերլին առաջ շարժվեց, փստփստացնելով ծխամորճն ու արհամարհանքով քմծիծաղ տալով, իսկ Չելենջերը փնթփնթալով հետևեց նրան։ Բարեբախտաբար, դեռևս դրանից մի քանի օր առաջ նկատել էինք, որ մեր երկու իմաստուններն էլ ոչ մի բանի տեղ չեն դնում Էդինբուրգցի դոկտոր Իլլինգվորտին, և այդ փրկեց մեզ։ Հետագայում բավական է, որ մենք հիշատակեինք շոտլանդացի կենդանաբանի անունը, որպեսզի հասունացող վեճերը վայրկենապես դադարեին, երկու պրոֆեսորն էլ ժամանակավոր դաշինք կնքեցին և միաբանորեն հարձակվեցին իրենց ընդհանուր ախոյանի վրա։ | ||
+ | |||
+ | Շարժվելով ափի երկարությամբ շուտով նկատեցինք, որ գետն աստիճանաբար վերածվեց նեղ առվի, իսկ սա իր հերթին կորավ ճահճուտում, որը ծածկված էր կանաչ, սպունգանման մամուռով։ Մեր ոտքերը մինչև ծնկները թաղվում էին նրա մեջ։ Այդտեղ օդում սավառնում էին մոծակների և ամեն տեսակ մժղուկների խիտ ամպեր, այնպես որ մենք վերջապես թեթևացած ոտք դրինք ամուր հողի վրա, թեքվելով դեպի անտառը՝ շրջանցեցինք այդ կանաչապատ ճահճուտը, որը դեռ երկար հիշեցնել էր տալիս իրեն միջատների երգեհոնային բզզոցով։ | ||
+ | |||
+ | Նավակները թողնելու երրորդ օրը տեղանքի բնույթը խիստ փոխվեց։ Մենք ստիպված էինք շարունակ վեր բարձրանալ, անտառը նկատելիորեն նոսրացավ և կորցրեց իր արևադարձային փարթամությունը։ Ամազոնի հովտի տղմային հողով սնված վիթխարի ծառերն իրենց տեղը զիջեցին կոկոսյան և փյունիկյան արմավենիներին, որոնք խումբ֊խումբ բարձրանում էին խիտ թփուտների միջից։ Խոնավ ցածրավայրերում աճում էին արմավենիները՝ շքեղորեն ցած խոնարհված տերևներով։ Մենք գնում էինք գլխավորապես կողմնացույցի օգնությամբ, և մի երկու անգամ Չելենջերի ու երկու հնդակցիների միջև տաք վեճ բռնկվեց, թե ո՛ր ուղղությամբ գնալ, ըստ որում երկու անգամն էլ մեր ամբողջ խումբը գերադասեց, ինչպես ասած վրդովված պրոֆեսորը, «վստահել նախնադարյան վայրենիների խաբուսիկ բնազդին, քան թե ժամանակաից եվրոպական կուլտուրայի կատարյալ արտադրանքին»։ Երրորդ օրը պարզվեց, որ մենք իրավացի էինք՝ գերադասությունը տալով հնդկացիներին։ Չելենջերն ինքը ճանաչեց ինչ֊որ նշաններ, որ նա հիշում էր առաջին ուղևորությունից, իսկ մի տեղ մենք նույնիսկ հանդիպեցինք չորս սևացած քարի, որը նրա ճամբարատեղն էր։ | ||
+ | |||
+ | Վերելքը դեռ շարունակվում էր․ երկու օր տևեց գլաքարերով ծածկված լեռան հաղթահարումը։ Բուսականությունը նորից փոխվեց․ արևադարձային նախկին շքեղությունից այստեղ մնացին միայն «փղոսկր» արմավենիները, մեկ էլ բազմաթիվ սքանչելի խոլորձները, որոնցից ես սովորեցի ճանաչել հազվագույտ Nuttoria Vexillaria֊ան հոյակապ կատլեայի վարդագույն ու վառ կարմիր ծաղիկներ և օդոնտոգլոսսումը։ Բլրի ծերպերում, մանր քարերի վրայով, ձարխոտի մացառուտներում թաքնված առվակներ էին խոխոնջում։ Սովորաբար մենք գիշերում էինք գլաքարերի մեջ, որևէ լճակի ափին, որտեղ ամբողջ վտառներով լողում էին կապտասև մեջքերով ձկնիկները, նման մեր անգլիական իշխանին, որն ընթրիքի հիանալի կերակրատեսակ է։ | ||
+ | |||
+ | Իններորդ օրը, երբ իմ հաշվումներով մոտ հարյուր քսան մղոն էինք կտրել անցել նավակների թաքցրած վայրից, անտառը բոլորովին նոսրացավ և հետզհետե վերածվեց թփուտի։ Թփերը, իրենց հերթին, փոխվեցին բամբուկի անծայրածիր մացառուտների, այնքան խիտ, որ ստիպված էինք դանակներով ու հնդկական տոմահավկներով ճամփա բացել նրանց միջով։ Դրա վրա կորցրինք մի ամբողջ օր՝ առավոտյան ժամը յոթից մինչև երեկոյան ժամը ութը՝ հանգստի համար ընդամենը երկու ընդմիջում անելով։ Դժավար է ավելի միալար ու հոգնեցուցիչ զբաղմունք պատկերացնել։ Նույնիսկ ուղատներում իմ հորիզոնը սահմանափակված էր ինչ֊որ տասը֊տասներկու յարդով․ մնացյալ ամբողջ ժամանակ իմ առջև տեսնում էի միայն պարուսինե շապիկ հագած լորդ Ջոնի մեջքը, իսկ կողքերից՝ կիպ կպած բամբուկի դեղին պատը։ Սայրի պես բարակ արևի շողերը տեղ֊տեղ թափանցում էին ներքև մեր գլխավերևում տասնհինգ ոտնաչափ բարձրության վրա, վառ կապույտ երկնքի ֆոնին օրորվում էին բամբուկի ավելները։ Չգիտեմ, թե ինչ կենդանիներ էին բնակվում այդտեղ, բայց մենք շատ անգամներ բոլորովին մոտիկից լսեցինք ինչ֊որ կենդանու ծանր ոտնաձայներ։ Լորդ Ջոնը կարծում էր, թե գուանակոն էր կամ ուղտայծ։ Միայն գիշերվա դեմ մենք դուրս եկանք բամբուկի ծովից և, խոշտանգաված այդ օրվա ընթացքում, օրը մեզ անսահման երկար թվաց, իսկույն ճամբար զարկեցինք։ | ||
+ | |||
+ | Հետևյալ առավոտն արդեն մեզ ճամփին գտավ։ Տեղանքի բնությունը սկսեց նորից փոխվել։ Բամբուկի դեղին պատնեշը պարզ երևում էր մեր ետևում։ Իսկ առջևում փռված էր բաց հարթավայրը, որը տեղ֊տեղ ծածկված էր ծառանման ձարխոտերով և աստիճանաբար բարձրանում էր դեպի երկար, իր ձևով կետի մեջք հիշեցնող բլրակատարը։ Կեսօրի մոտերքը մենք անցանք այդ կատարը և նրա ետևում տեսանք մի հովիտ, իսկ հետևում կրկին զառիկող լանջ, որը մեղմորեն կլորանում էր հորիզոնում։ Հենղ այդտեղ, առաջին բլրաշարքի մոտ էլ մի դեպք տեղի ունեցավ, թե որքան նշանակալից՝ կերևա հետագայում։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Չելենջերը, որ երկու հնդկացիների հետ քայլում էր առջևից, հանկարծ կանգ առավ և հուզված թափահարեց ձեռքը, ցույց տալով դեպի աջ։ Նայելով այն կողմը, մենք տեսանք հսկայական գորշ թռչնի պես մի բան, որը դանդաղորեն թափահարելով թևերը, ցածրաթռիչ ու սահուն անցավ գետի վրայով ու կորավ ծառերի ետևում։ | ||
+ | |||
+ | ― Դուք տեսա՞ք, ― ցնծագին ձայնով ճչաց Չելենջերը։ ― Սամերլի, դուք տեսա՞ք։ | ||
+ | |||
+ | Նրա կոլեգան, առանց հայացքը կտրելու, նայում էր այն կողմը, ուր չքացավ այդ տարօրինակ թռչունը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ էր այդ ձեր կարծիքով, ― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե ինչ։ Պտերոդակտիլ։ | ||
+ | |||
+ | Սամերլին արհամարհանքով քրքջաց։ | ||
+ | |||
+ | ― Պտերոցնդաբանություն, ― ասաց նա։ ― Դա արագիլ էր, ամենասովորական արագիլ։ | ||
+ | |||
+ | Չելենջերը կատաղությունից պապանձվեց։ Պատասխանի փոխարեն նա իր հակը դրեց ուսին ու շարունակեց ճամփան։ Սակայն լորդ Ջոնը, որը շուտով հավասարվեց ինձ, սովորականից շատ ավելի լուրջ դեմք ուներ։ Նա ձեռքին բռնել էր ցեյսի հեռադիտակը։ | ||
+ | |||
+ | ― Բայց և այնպես ես կարողացա դիտել նրան, ― ասաց նա։ ― Չեմ համարձակվում դատել, թե դա ինչ բան էր, բայց կյանքումս դեռ այդպիսի թռչուն չեմ տեսել՝ այդ մեկը կարող եմ երաշխավորել որսորդական իմ փորձով։ | ||
+ | |||
+ | Այսպես են մեր գործերը։ Իրո՞ք մոտեցել ենք Անհայտ երկրին, արդյոք կանգնած ենք Կորուսյալ աշխարհի մատույցներո՞ւմ, որի մասին շարունակ ասում է մեր ղեկավարը։ Իմ գրառումներից դուք գիտեք նույնքան, որքան և ես։ Այլևս այդպիսի դեպքեր չկրկնվեցին, ուրիշ ոչ մի կարևոր իրադարձություն տեղի չունեցավ այդ օրը։ | ||
+ | |||
+ | Եվ այսպես, թանկագին ընթերցողներ, ― եթե երբևէ ընթերցողներ կունենամ, ― մենք ձեզ հետ միասին բարձրացանք լայնարձակ գետի հոսանքն ի վեր, եղեգնուտի միջով մտանք կանաչ թունելը, անցանք զառիկողին աճած արմավենիների միջով, հաղթահարեցինք բամբուկի անտառը, իջանք ծառանման ձարիխոտով ծածկված հարթավայրը, և այժմ մեր ճանապարհորդության նպատակն ուղիղ մեր առաջ է։ | ||
+ | |||
+ | Անցնելով երկրորդ բլրաշարքը, տեսանք խիտ արմավենիներով ծածկված մի նեղ հովիտ, իսկ նրա վերևում՝ կարմիր ժայռերի մի երկար շարք, որը ես հիշեցի ալբոմում եղած նկարից։ Այժմ ես գրում եմ, բայց հերիք է գլուխս բարձրացնեմ, և ահա նա աչքերիս առաջն է՝ նկարի հետ նրա նույնությունն անկասկած է։ Նրա և մեր կայանի միջև ընկած ամենակարճ տարածությունը յոթ մղոնից ավելի չէ, իսկ հետո նա ոլորվում է ու գնում դեպի անծայրածիր հեռուն։ | ||
+ | |||
+ | Չելենջերն աքաղաքի նման մարտական տեսքով ճամբարով մեկ առաջ ու ետ է քայլում, Սամերլին լռություն է պահպանում, բայց առաջվա պես հոռետեսորեն է տրամադրված։ Մեկ օր ևս, և մեր կասկածներից շատերը կփարատվեն։ Իսկ առայժմ այս նամակն ուղարկում եմ Խոսեի միջոցով, որն իր ձեռքը վիրավորեց բամբուկի թփուտներում և պահանջում է իրեն ազատ արձակել։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ նամակը կհասնի ըստ պատկանելույն։ Առջին իսկ հնարավորության դեպքում նորից կգրեմ։ Նամակին կցում եմ մեր ճանապարհորդության մոտավոր պլանը այն հաշվով, որ դա օգնի ձեզ պարզելու այստեղ շարադրվածը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ IX «Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել»== | ||
+ | |||
+ | |||
+ | Սարսափելի դժբախտություն եկավ մեր գլխին։ Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել։ Այժմ ես մեր փորձանքների վերջը չեմ տեսնում։ Գուցե մեզ վիճակված է ցմահ մնալ այս հանելուկային, անմատչելի վայրում։ Ես այնպես եմ ցնցված կատարվածից, որ մինչև հիմա լավ գլուխ չեմ հանում ներկայից, չեմ էլ կարող նայել առաջ, ապագային։ Առաջինը իմ շփոթված ուղեղին թվում է զարհուրելի, իսկ երկրորդը՝ անթափանց, ինչպես գիշեր։ | ||
+ | |||
+ | Հազիվ թե ուրիշ մարդ այդպիսի դրության մեջ ընկած լինի։ Մեր վիճակն այնքան անելանելի է, որ ես նույնիսկ հարկ չեմ համարում հայտնել այս լեռնաշղթայի ճշգրիտ կոորդինատները և մեր բարեկամներին խնդրել, որպեսզի փրկարար խումբ ուղարկեն։ Եթե այդպիսի փրկարար խումբ կազմվի էլ, ապա ամենայն հավանականությամբ մեր բախտը վճռված կլինի այդ խմբի Հարավային Ամերիկա ժամանելուց շատ առաջ։ | ||
+ | |||
+ | Այո, մենք կտրված ենք ամեն տեսակի օգնությունից, որպես թե Լուսնի վրա ընկած լինենք։ Իսկ եթե այս փորձանքից պատվով դուրս գանք, ապա մեր փրկությամբ պարտական կլինենք միայն մեզ։ Իմ երեք ուղեկիցները երևելի մարդիկ են, հրաշալի մտքի և անհողդողդ արիության տեր մարդիկ։ Այդ և միայն այդ է մեր փրկության հույսը։ Բավական է նայեմ ընկերներիս հանգիստ դեմքերին, և իմ շուրջը խավարն իսկույն ցրվում է։ Համարձակվում եմ մտածել, որ արտաքինից ես էլ եմ այդպես հանգիստ։ Մինչդեռ իակապես ծանր կասկածները տանջում եմ ինձ։ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա թույլ տվեք բոլոր մանրամասնություններով շարադրել դեպքերի ընթացքը, որը մեզ հասցրեց աղետի։ | ||
+ | |||
+ | Վերջին հաշվետվության մեջ ես գրել էի, որ մենք գտնվում ենք յոթ մղոնի վրա այն լեռնաշղթայից, որը օղակում է պրոֆեսոր Չելենջերի ասած սարահարթը։ Երբ մեր խումբը ընդհուպ մոտեցավ նրան, ինձ թվաց, թե պրոֆեսորը նույնիսկ պակասեցրել էր նրա բարձրությունը, որովհետև որոշ տեղերում նա համենայն դեպս հասնում է հազար ոտնաչափի։ Աչքի է զարնում նաև այդ ապառաժների թերթավորությունը, որը, ինչպես երևում է, բնորոշ է բազալտային կազմավորությունների համար։ Դրա նման ինչ֊որ բան կարելի է դիտել Էդինբուրգի մոտ, Սելիսբերիի ժայռերի վրա։ Լեռնաշղթայի գագաթը ծածկված է փարթամ բուսականությամբ՝ փեշերին բարձրանում են թփեր, որոնց հաջորդում են բարձր ծառերը։ Ինչպես երևում է, այստեղ կենդանի արարածներ չկան։ | ||
+ | |||
+ | Այն գիշեր մենք ճամբար զարկեցինք լեռնաշղթայի ստորոտում, ամայի ու մռայլ մի տեղում։ Մեր գլխավերևում բարձրացող կարմիր ապառաժները ոչ միայն բոլորովին թեք են, այլև վերևի մասերը դուրս ընկած, այնպես որ այս կողմից սարահարթ բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ է։ Մեր ճամբարից ոչ հեռու կանգնած է մի բարձր, վերևի մասում բարակող քարաժայռ։ Ես կարծեմ առաջ խոսել եմ դրա մասին։ Նա նման է եկեղեցու հաստացրած շպիլի։ Նրա գագաթը, որտեղ աճում է մի բարձր ծառ, հավասարվում է սարահարթի մակերեսին, բայց նրանց բաժանում է մի ծերպ։ Այդ քարաժայառը և լեռնաշղթայի նրան մոտիկ ճյուղավորությունները այնքան էլ բարձր չեն՝ իմ կարծիքով, հինգ֊վեց հարյուր ոտնաչափից ոչ ավելի։ | ||
+ | |||
+ | ― Ահա հենց այն ծառի վրա էր նստել պտերոդակտիլը, ― ասաց պրոֆեսորը, ― որին ես խփեցի։ Ստիպված եղա մագլցել մինչև ժայռի կեսը։ Կարծում եմ, որ լավ ալպինիստը, այնպիսին, ինչպիսին ես եմ, կարող է գագաթն էլ բարձրանալ, չնայած, միևնույն է, այնտեղից չեմ կարող անցնել սարահարթը։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ Չելենջերը խոսում էր իր պտերոդակտիլի մասին, ես հետևում էի պրոֆեսոր Սամերլիին և առաջին անգամ նրա մեջ ինչ֊որ նոր բան նկատեցի․ նա ակներևաբար սկսում էր հավատալ իր ախոյանին և նույնիսկ զղջման որոշ նշաններ էր ցույց տալիս։ Խայթող ժպիտը չքացավ նրա շրթունքներից, նա կանգնել էր գունատ և զարմանքը թաքցնել չէր աշխատում։ Չելենջերը նույնպես նկատեց այդ և արդեն արբենում էր իր հաղթանակով։ | ||
+ | |||
+ | ― Պրոֆեսոր Սամերլին, իհարկե, մտածում է, որ խոսելով պտերոդակտիլի մասին, ես ի նկատի ունեմ սովորական արագիլի, ― ասաց նա՝ անշնորհք կերպով փորձելով սրամտել, ― սակայն, այդ արագիլը զուրկ է փետուրներից, ունի արտասովոր ամուր մաշկային ծածկույթ, թաղանթավոր թևեր և վրան ատամներ շարված կտուց։ | ||
+ | |||
+ | Չելենջերը խոնարհաբար գլուխ տվեց, քմծիծաղեց, աչքով արեց իր կոլեգային, որը չկարողացավ տանել այդ և մի կողմ քաշվեց։ | ||
+ | |||
+ | Առավոտյան, համեստ նախաճաշից հետո, որը բաղկացած էր սուրճից և մանիոկից․<ref>Մանիոկ ― բույս սակավաթեյների ընտանիքից, որի պալարները եփած վիճակում օգտագործվում են իբրև կերակուր։</ref> անհրաժեշտ էր սննդամթերքը խնայել, մենք ռազմական խորհուրդ հրավիրեցինք և սկսեցինք քննարկել, թե ինչպես բարձրանանք սարահարթ։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Չելենջերը նախագահում էր անսովոր հանդիսավորությամբ՝ գերագույն դատավոր, ո՛չ ավել, ո՛չ պակաս։ | ||
+ | |||
+ | Պատկերացրեք մի այպիսի տեսարան․ անհեթեթ ծղոտե գլխարկը ծոծրակին թեքված այդ մեծամորուքը բազմել է քարերի վրա՝ ամբարտավան կերպով նայելով մեզ կիսախուփ կոպերի տակից, և դանդաղ, ընդհատումներով խոսում է մեր ներկա վիճակի և գործողությունների հետագա պլանների մասին։ Նրա առաջ տեղավորվել ենք մենք երեքս․ ձեր խոնարհ ծառան, որ սևացել, խիստ ամրացել է մաքուր օդում, Սամերլին, որը լուրջ և առաջվա պես հոռետեսորեն փստացնում է իր ծխամորճը, և նիհարավուն լորդ Ջոնը, որը հենվել է հրացանին՝ հռետորի վրա հառելով իր սուր, արծվային հայացքը։ Մեր ետևում երկու թուխ մետիսներն են և իրար գլխի հավաքված հնդկացիները, իսկ առջևում՝ կարմրավուն կողավոր ապառաժները, որոնք փակում են դեպի ցանկալի նպատակը տանող ճանապարհը։ | ||
+ | |||
+ | ― Արդյոք արժե ասել, ― այսպես սկսեց մեր ղեկավարը, ― որ իմ առաջին ացելությանն այստեղ ես ամեն հնար գործադրեցի սարահարթը բարձրանալու, և եթե այդ բանը չհաջողվեց ինձ՝ փորձված ալպինիստիս, ապա ուրիշին առավել ևս չի հաջողվի։ Ճիշտ է, ես այն ժամանակ ոչ մի ալպինիստական հարմարանք չունեի, բայց այժմ ես այդ մասին հոգացել եմ և նրանց օգնությամբ, ինչպես էլ լինի, պետք է բարձրանամ ժայռի գագաթը։ Ասենք, այս կողմից գլխավոր լեռնապարը բարձրանալու մասին առայժմ նույնիսկ ավելորդ է խոսել։ Անցյալ անգամ ես ստիպված էի շտապել՝ մոտենում էր անձրևների շրջանը, բացի դրանից, սննդամթերքի պաշարները վերջանալու վրա էին։ Այդ բոլորը խիստ նեղում էր ինձ ժամանակի տեսակետից, և ես կարողացա մի վեց մղոն շրջանցել լեռնաշղթան արևելյան ուղղությամբ ու վերելքի համար քիչ թե շատ հարմար տեղ չգտա։ Ի՞նչ պետք է անենք հիմա։ | ||
+ | |||
+ | ― Ըստ իս, առողջ բանականությունը միայն մի ելք է թելադրում, ― խոսեց պրոֆեսոր Սամերլին։ ― Եթե դուք արևելյան ուղղությամբ հետազոտել եք լեռնաշղթան, ուրեմն այժմ պետք է գնալ դեպի արևմուտք և նայել, թե արդյոք այդ կողմից չի՞ կարելի բարձրանալ։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, ― պաշտպանեց նրան լորդ Ջոնը։ ― Ինձ թվում է, որ այս լեռնապարը այնքան էլ մեծ չէ։ Մենք կպտտվենք նրա շուրջը և կամ կգտնենք այն, ինչ հարկավոր է, կամ կվերադառնանք մեր ելման կետը։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն բացատրել եմ մեր պատանի բարեկամին, ― ասաց Չելենջերը (նա միշտ իմ մասին խոսում է, ինչպես տասնամյա դպրոցականի), ― որ հեշտ վերելքի հույս ունենալ չի կարելի և այդ շատ պարզ պտճառով․ եթե այդպիսին գոյություն ունենար, սարահարթը մնացած աշխարհից կտրված չէր լինի և այնտեղ չէին ստեղծվի այն պայմանները, որոնք խախտում են տեսակների հարատևման մեզ հայտնի բոլոր օրենքները։ Այնուամենայնիվ, ես լիովին ընդունում եմ, որ լանջերին կան տեղեր, որոնք մատչելի են փորձված ալպինիստին, սակայն անհաղթահարելի են ծանր, դանդաղաշարժ կենդանիների համար։ Համենայն դեպս մեկ այդպիսի տեղի գոյության մասին ես պարզապես համոզված եմ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է ձեզ այդպիսի վստահություն ներշնչել, սըր, ― խստությամբ հարցրեց Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Այն, որ իմ նախորդին՝ ամերիկացի Մեպլ Ուայտին, ինչ֊որ ձևով հաջողվել էր բարձրանալ սարահարթը։ Այլապես նա ինչպե՞ս կարող էր տենսել այն հրեշին, որը նկարված է նրա ալբոմում։ | ||
+ | |||
+ | ― Հետևապես, դուք առաջ եք վազում՝ չսպասելով, մինչև որ այդ բոլորը ստուգման ենթարկվի, ― համառորեն առարկեց Սամերլին։ ― Ես ընդունում եմ սարահարթի գոյությունը, որովհետև նա իմ աչքի առաջ է, բայց թե կյանք կա՞ այնտեղ՝ այդ բանը դեռ ոչ ոք չի ապացուցել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ընդունում եք որևէ բան, սըր, թե չեք ընդունում, այդ բոլորովին կարևոր չէ։ Սակայն, ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ սարահարթի գոյությունը հասել է ձեր գիտակցությանը։ ― Չելենջերը գլուխը բարձրացրեց և, հանկարծ տեղից վեր ցատկելով, բռնեց Սամերլիի օձիքից ու ծնոտը վեր տնկեց։ ― Դե՛, սըր, ― ճչաց նա հուզմունքից խռպոտած ձայնով, ― հիմա համոզվեցի՞ք, որ սարահարթում կենդանական աշխարհ կա։ | ||
+ | |||
+ | Ես արդեն խոսել եմ սարահարթի եզրերը պատող կանաչի խիտ ծոպերի մասին։ Ահա հենց այդ թփուտների միջից հանկարծ երևաց ինչ֊որ փայլուն, սև արարած։ Նա դանդաղորեն սողաց դեպի զառիթափը, կախվեց նրա վրա, և այդ ժամանակ մենք նկատեցինք, որ դա մի վիթխարի օձ է՝ թիակի նման տափակ գլխով։ Մի րոպե նա ճոճվեց քարափին՝ արևի տակ խաղացնելով իր հարթ, ասես հղկված օղակները, ապա դանդաղ ետ քաշվեց ու կորավ թփերի մեջ։ | ||
+ | |||
+ | Այդ տեսարանը այնպես գրավեց Սամերլիին, որ նա սկզբում նույնիսկ չփորձեց ազատվել Չելենջերի ճանկերից, բայց հետո ուշքի եկավ և, ետ հրելով իր կոլեգային, նորից արժանավայել դիրք ընդունեց։ | ||
+ | |||
+ | ― Պրոֆեսոր Չելենջեր, ― ասաց նա, ― ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք իմ գլուխը վեր ցցելու փոխարեն, ձեր խոսքերի վրա ուշադրություն հրավիրելու որևէ այլ եղանակ գտնեիք։ Այդպիսի ազատությունը չի արդարացնում նույնիսկ խիստ սովորական պիթոնի հայտնվելը։ | ||
+ | |||
+ | ― Բայց և այնպես սարահարթի վրա կյանք կա, ― հաղթականորեն բացականչեց նրա կոլեգան։ ― Եվ այժմ, երբ իմ այդ թեզն այնքան ակնառու հաստատումն գտավ, որ ամենականխակալ ու բութ գլուխներն անգամ այլևս չեն վիճարկի այն, ես առաջարկում եմ անմիջապես թողնել մեր կայանը և շարժվել արևմտյան ուղղությամբ՝ գտնելու համար այն տեղը, որտեղից հնարավոր կլինի վերև բարձրանալ։ | ||
+ | |||
+ | Լեռնաշղթայի ստորոտը քարքարոտ էր, անհարթ, այնպես որ մենք առաջանում էինք դանդաղ ու մեծ դժվարությամբ։ Բայց անսպասելի մի գյուտ սրտապնդեց մեզ․ մենք դեմ առանք ինչ֊որ մեկի վաղուցվա կայանի հետքերին։ Քարերի միջև ընկած էին Չիկագոյի մսի պահածոյի մի քանի թիթեղե տուփեր, մի ջարդված դանակ, մի շիշ՝ «Կոնյակ» պիտակով, և նման դեպքերում սովորական շատ այլ մանր֊մունր բաներ։ Պատռած ու ճմրթված թերթը դուրս եկավ «Չիկագոյի դեմոկրատը», բայց թե որ թվականի համարն էր՝ չհաջողվեց պարզել։ | ||
+ | |||
+ | ― Իմը չէ, ― ասաց Չելենջերը։ ― Սա, երևի, Մեպլ֊Ուայտն է թողել։ | ||
+ | |||
+ | Լորդ Ջոնը ուշադիր զննում էր բարձր, ծառանման ձարխոտի բունը, որի ստվերում կայանն էր խփված։ | ||
+ | |||
+ | ― Հապա նայեցեք, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով, սա ուղեսյան նման ինչ֊որ բան է։ | ||
+ | |||
+ | Ծառաբնին մեխված էր մի տաշեղ, սուր ծայրը դեպի արևմուտք։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճի՛շտ է, ― բացականչեց Չելենջերը։ ― Այդպես էլ պետք է լինի։ Մեր նախորդը հասկանում էր, որ իրեն սպասող ճանապարհը կապված է վտանգների հետ, և այս ուղենիշը թողել է, որպեսզի սրանով գտնեն իրեն։ Սպասեցեք, միգուցե ուրիշ հետքեր էլ պատահեն մեզ։ | ||
+ | |||
+ | Նա իրավացի դուրս եկավ, բայց որքա՜ն անակնկալ ու զարհուրելի էր այն, ինչ մենք տեսանք։ Լեռնաշղթայի ստորոտում ձգվում էին բամբուկի մացառուտները, ճիշտ այնպիսիք, որոնց միջով հարկ եղավ անցնել մեր ուղևորության սկզբում։ Ցողունները հասնում էին երբեմն քսան ոտնաչափի, իսկ սուր, ամուր ծայրերը ցցվել էին վեր, ինչպես նիզակներ։ Գնում էինք այդ մացառուտների երկարությամբ և հանկարծ նկատեցինք, որ այնտեղ ինչ֊որ սպիտակ բան փայլեց։ Գլուխս ներս տարա ցողունների մեջ և տեսա մի գանգ։ Մի քանի քայլ այն կողմ, ավելի մոտ, ընկած էր ամբողջ կմախքը։ | ||
+ | |||
+ | Հնդկացիները դանակներով արագ մաքրեցին այն տեղը, և կատարված ողբերգությունը մեր առաջ կանգնեց իր բոլոր մանրամասներով։ Զոհվածի հագուստից միայն ծվեններ էին մնացել, սակայն կոշիկները մերկ ոսկորներին պահպանվել էին անվնաս, և դրանցով կարելի էր դատել, որ նրանց երբեմնի տերը եվրոպացի է։ Ոսկորների միջև ընկած էին Նյու֊Յորքի «Հուդզոն» ֆիրմայի ժամացույցը և շղթայով մի գրչամատիտ։ Հենց այդտեղ էլ ընկած էր արծաթե մի ծխատուփ՝ կափարչի վրա քանդակված մակագրությամբ․ «Ջ․ Կ․֊ին Ա․ Է․ Ս․֊ից»։ Սիգարետատուփը դեռևս չէր սևացել, հետևաբար դժբախտ դեպքը պատահել էր ոչ շատ վաղուց։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է սա, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Խեղճ, ոչ մի ոսկորն անվնաս չի մնացել։ | ||
+ | |||
+ | ― Բամբուկն էլ դուրս է ցցվել կողերի միջից, ― ասաց Սամերլին։ ― Ճիշտ է, նա անսովոր կերպով արագ է աճում, բայց և այնպես դժվար է ենթադրել, թե ցողունները կարող էին այդքան կարճ ժամանակում մինչև քսան ոտնաչափ վեր բարձրանալ։ | ||
+ | |||
+ | ― Ինչ վերաբերում է զոհվածի անձնավորությանը, ― ասաց Չելենջերը, ― ապա այդ հարցում ես ոչ մի կասկած չունեմ։ Մինչև հասիենդում ձեզ հետ միանալը ես ճշգրիտ տեղեկություններ էի հավաքում Մեպլ֊ Ուայտի մասին։ Պարայում նրա մասին ոչինչ չգիտեին։ Բարեբախտաբար, նրա ալբոմի մի նկարն ինձ ճիշտ ճամփի վրա կանգնեցրեց։ Հիշո՞ւմ եք նախաճաշը Ռոսարիոյում ինչ֊որ քահանայի մոտ։ Այսպես ահա, ինձ հաջողվեց գտնել այդ քահանային, և չնայած նա թունդ վիճող դուրս եկավ ու խիստ վիրավորվեց, երբ ես սկսեցի ապացուցել, թե կրոնական հավատալիքները չեն կարող դիմանալ ժամանակակից գիտության քայքայիչ ազդեցությանը, այնուամենայնիվ, մեր զրույցն իզուր չանցավ։ Մեպլ֊Ուայտը եկել էր Ռոսարիո չորս տարի առաջ, այսինքն՝ երկու տարի առաջ իր մահվանից։ Նա մենակ չէր, ճանապարհորդում էր ամերիկացի Ջեյմս Կոլվեր անունով մի բարեկամի հետ, որը ափ չէր իջել և չէր տեսնվել քահանայի հետ։ Ուստի մենք կարող ենք չկասկածել, որ մեր առաջ գտնվում է այդ նույն Ջեյմս Կոլվերի աճյունը։ | ||
+ | |||
+ | ― Է՛լ ավելի քիչ կասկածներ են հարուցում իմ մեջ նրա մահվան հանգամանքները, ― ասաց լորդ Ջոնը։ ― Նա ընկել է քարափից կամ ցած է շպրտվել այնտեղից և ընկել բամբուկների վրա։ Այլապես ոչ մի կերպ չի կարելի բացատրել ոսկորների ջարդվելը։ Բամբուկն էլ այդքան չէր կարող աճել նրա մարմնի միջով։ | ||
+ | |||
+ | Մենք լուռ դիտում էինք մեր աևջև ընկած աճյունը՝ մտածելով լորդ Ջոն Ռոքստոնի ասածի նշանակության մասին։ Քարափի ելուստը ծանր մուրճի պես կախվել էր բամբուկի մացառուտի վրա։ Ամերիկացին ցած է ընկել այնտեղից։ Բայց արդյոք ի՞նքն է ընկել։ Իրո՞ք դժբախտ պատահար է եղել դա։ Իսկ գուցե․․․ Եվ այդ անհայտ աշխարհի մասին մտածելիս ինչ֊որ չարագույժ ու զարհուրելի շունչ փչեց մեզ վրա։ | ||
+ | |||
+ | Առանց լռությունը ընդհատելու շարժվեցինք առաջ քարե պատնեշի մոտով, որը նույնքան ուղղաբերձ էր ու հարթ, որքան Անտարկտիդայի անծայրածիր սառցադաշտերը, որոնք, եթե հավատանք նկարագրություններին, ձգվում են հորիզոնից հորիզոն՝ վեր խոյանալով իրենց մեջ կորած նավերի կայմերից։ Առաջին հինգ մղոնների ընթացքում ոչ մի ծերպ, նույնիսկ ճեղքվածք չտեսանք այդ քարափին։ Բայց հանկարծ մեր առջևում փայլեց հույսի մի ճառագայթ։ Մի փոքրիկ խորության մեջ, որտեղ անձրևի կաթիլներ չէին կարող ընկնել, կավճով սլաք էր նկարված, որն առաջվա պես ուղղված էր դեպի արևմուտք։ | ||
+ | |||
+ | ― Նորից Մեպլ֊Ուայտն է, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը։ ― Նա հավանորեն զգացել է, որ իր հետքերով կգան ամենայն հոգատարության արժանի մարդիկ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, նա իր հետ կավի՞ճ է ունեցել։ | ||
+ | |||
+ | ― Հապա ինչպե՞ս։ Նրա ուղեպարկի մեջ մի ամբողջ արկղ ներկամատիտներ կային։ Հիշում եմ, ես ուշադրություն դարձրի, որ սպիտակ մատիտից միայն մի կրծած կտոր էր մնացել։ | ||
+ | |||
+ | ― Հույժ համոզիչ ապացույց, ― ասաց Սամերլին։ ― Դե, ուրեմն, հետևենք նրա ցուցումներին և առաջ գնանք դեպի արևմուտք։ | ||
+ | |||
+ | Հինգ մղոն ևս գնալուց հետո նորից քարափի վրա մի սլաք տեսանք։ Այդտեղ քարե պարսպին երևաց առաջին նեղ ծերպը։ Ծերպի մեջ էլ սլաք էր նկարած, որն այս անգամ ուղղված էր դեպի վեր։ | ||
+ | |||
+ | Ինչպիսի՜ հանդիսավորությամբ էր շնչում այդ վայրը։ Վիթխարի քարափներ, նրանց վերևում կապույտ երկնքի մի պատառ և թանձր խավար, որովհետև կանաչի կրկնածոպերի միջով այստեղ համարյա լույս չէր թափանցում։ Մի քանի ժամ է, ինչ ոչինչ չէինք կերել, հոգնեցուցիչ ճամփան քարերի միջով ուժասպառ էր արել մեզ, բայց մի՞թե կարելի է դադար առնել այդտեղ։ Հրամայելով հնդկացիներին ճամբար զարկել, մենք չորսով՝ երկու մետիսների ուղեկցությամբ շարժվեցինք առաջ, դեպի նեղ ծերպի խորքերը։ | ||
+ | |||
+ | Այդ ծերպը մուտքի մոտ ուներ քառասուն ոտնաչափից ոչ ավելի լայնություն, որը գնալով սկսեց արագորեն նեղանալ և, վերջապես, դեմ առավ մի զառիթափի, որն այնքան թեք էր ու լպրծուն, որ այդտեղով բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ էր։ Մեր նախորդն ակնհայտորեն մի այլ բան նկատի ուներ։ Ետ դառնանք, ― կիրճն ընդամենը քառորդ մղոն երկարություն ուներ, ― և հանկարծ լորդ Ջոնի սուր աչքը գտավ այն, ինչ մեզ հարկավոր էր։ Մեր գլխավերևը, բարձրում, ընդհանուր խավարի միջից երևում էր մի ավելի մութ բիծ։ Դա, անկասկած, որևէ անձավի մուտք էր։ | ||
+ | |||
+ | Ծերպի հատակին քարակույտեր կային, որոնց վրայով առանց դժվարության վեր բարձրացանք։ Մեր բոլոր կասկածները փարատվեցին։ Ահա քարայրի մուտքը, իսկ նրա կողքին՝ նորից կավճով նկարված սլաք։ Ուրեմն, Մեպլ֊Ուայտը և իր դժբախտ ուղեկիցը հենց այստեղից են սկսել վերելքը դեպի սարահարթ։ | ||
+ | |||
+ | Այնպես հուզված էինք, որ ճամբար վերադառնալու մասին մտածել իսկ չէինք կարող։ Ուզում էինք իսկույն հետազոտել քարայրը։ Լորդ Ջոնն ուսապարկից հանեց էլեկտրական լապտերը, որը պետք է ծառայեր մեզ իբրև լույսի միակ աղբյուր, և առաջ շարժվեց՝ դեղին փայլակետեր գցելով ժայռերի վրա։ Մենք քայլ առ քայլ հետևում էինք նրան։ | ||
+ | |||
+ | Դատելով հարթ պատերից ու կլոր քարակույտերից, ժայռերի մեջ այդ խորությունը ջուրն էր ողողելով բացել։ Մեզ հաջողվեց մտնել այնտեղ միայն մեկ֊մեկ, այն էլ խիստ կռանալով։ Մի հիսուն ոտնաչափ տարածություն այրը խորանում էր ուղղակի քարափի մեջ, իսկ հետո սկսեց քառասունհինգ աստիճան թեքությամբ վեր բարձրանալ։ Շուտով անցքն ավելի թեքացավ, ստիպված էինք չորեքթաթ վեր մագլցել սորուն կոպիճների վրայով։ Մի քանի րոպե ևս անցավ, և հանկարծ լորդ Ռոքստոնը բղավեց․ | ||
+ | |||
+ | ― Ճանապարհը փակվե՛ց։ | ||
+ | |||
+ | Խմբվելով նրա ետևում, մենք լամպի դեղին լույսով տեսանք իրար վրա կուտակված բազալտի քարաբեկորներ, որոնք հասնում էին մինչև այրի առաստաղը։ | ||
+ | |||
+ | ― Փլվածք է։ | ||
+ | |||
+ | Մի քանի քար դուրս հանեցինք, բայց անօգուտ․ միայն սկսեցին շարժվել ավելի մեծ բեկորները, որոնք ամեն րոպե կարող էին փլվել և տակն առնել մեզ։ Այդպիսի արգելք հաղթահարելը բացահայտորեն մեր ուժերից վեր էր։ Այլևս գույություն չուներ այն ճանապարհը, որով անցել էր Մեպլ֊Ուայտը։ | ||
+ | |||
+ | Այնպես վհատվեցինք այդ բանից, որ առանց այլևս խոսք փոխանակելու ետ դարձանք և քայլեցինք մութ ձորակի միջով։ Բայց այդ ժամանակ տեղի ունեցավ մի դեպք, որը խիստ նշանակալից էր մյուս դեպքերի կողքին։ | ||
+ | |||
+ | Խմբով կանգնած էինք ձորակի հատակին, քարայրից մի քառասուն ոտնաչափ ներքև, երբ հանկարծ մի հսկա քար ցած թռավ մեր մոտով։ Մահից հրաշքով խույս տվեցինք։ Մեր կանգնած տեղից չէր երևում, թե այդ քարաբեկորը որտեղից պոկվեց, բայց երկու մետիսների ասելով, որոնք ետ էին մնացել այրի մուտքի մոտ, քարը թռել էր նաև նրանց մոտով, հետևաբար այն ցած էր ընկել բարձրունքից։ Նայեցինք վերև, սակայն քարափը եզերող կանաչ մացառուտներում ամենաչնչին շարժում իսկ չնկատեցինք։ Բայց և այնպես մեզնից ոչ ոք չէր կասկածում, որ քարն ուղղված էր մեզ վրա։ Ուրեմն, սարահարթում մարդիկ կան, մարդիկ, որոնցից կարելի է սպասել վատթարագույնը։ | ||
+ | |||
+ | Շուտով դուրս եկանք ձորակից, մտածելով այն մասին, թե այդ անակնկալ իրադարձությունն ինչպես կարող է ազդել մեր պլանների վրա։ Առանց այն էլ դրությունը ծանր էր, բայց եթե բնության՝ մեր դեմ հարուցած արգելքներին ավելանան նաև մարդու չարագործությունները, ապա մեր դրությունը շատ կծանրանա։ Բայց և այնպես, մեզանից ո՞վ սիրտ կաներ վերադառնալ Լոնդոն, առանց իմանալու, թե ինչ էր թաքնված կանաչի այդ փարթամ եզրագծի ետևում, որը ձգվում էր մեր գլխավերևում ընդամենը ինչ֊որ հարյուր ոտնաչափ բարձրության վրա։ Քննարկելով այդ բոլորը՝ որոշեցինք շարունակել սարահարթի շրջանցումը և գտնել նրա գագաթը բարձրանալու մի այլ տեղ։ Ապառաժների շղթան, զգալիորեն ցածրանալով, այժմ արդեն ձգվում էր ոչ թե դեպի արևմուտք, այլ դեպի հյուսիս, և եթե մեր անցած ճանապարհն ընդունեինք իբրև շրջագծի հատած, ապա ողջ շրջագիծը հավանորեն այնքան էլ մեծ չպետք է լիներ։ Վատագույն դեպքում կարող էինք մի քանի օրից հետո վերադառնալ այն կետը, որտեղից սկսել էինք մեր պտույտը։ | ||
+ | |||
+ | Այդ օրվա ընթացքում անցած քսաներկու մղոնը ոչ մի նոր բան չբերեց մեզ։ Ի դեպ ասած, աներոիդե ծանրաչափը ցույց է տալիս, որ, հաշվելով նավակները թողած տեղից, մենք աստիճանաբար բարձրացել ենք վեր ծովի մակերևույթից ամենաքիչը երեք հազար ոտնաչափ։ Դրանով են բացատրվում նաև ջերմաստիճանի և բուսականության նկատելի փոփոխությունները։ Մենք համարյա թե ազատվեցինք միջատների ձեռքից, այդ անեծքից, որը արևադարձային երկրներում թունավորում է ճանապարհորդի կյանքը։ Դեռևս պատահում են արմավենու որոշ տեսակներ, ծառանման ձարխոտն առաջվա նման շատ է, բայց ահա բարձր ծառերը, որոնցով այնքան հարուստ է Ամազոնի ավազանը, անհետ չքացան։ Դրա փոխարեն որքա՜ն հաճելի էր այդ անհյուրընկալ ապառաժների միջև հանդիպել մեր պատատուկին, լիանային և բեգոնիային՝ ծաղիկներ, որոնք հիշեցնում էին հայրենի երկրի մասին։ Ահա, ճիշտ այսպիսի կարմիր մի բեգոնիա էլ ծաղկում է Ստրիտեմի վիլլաներից մեկի պատուհանում․․․ Սակայն կարծես թե ես աննկատելիորեն թեքվեցի մի կողմ, դեպի անձնական հիշողությունների բնագավառը։ | ||
+ | |||
+ | Այդ երեկոյան, ― ես դեռ շարունակում եմ պատմել սարահարթի կատարած մեր առաջին օրվա պտույտի մասին, ― մի բան պատահեց, որից հետո այլևս ոչ ոք չէր կասկածում, որ ամենամոտիկ ապագայում մեզ հրաշքներ են սպասում։ | ||
+ | |||
+ | Թանկագին միստր Մակ֊Արդլ, այս տեղերը կարդալով, դուք երևի առաջին անգամ կզգաք, որ խմբագրությունն ինձ իզուր չի ուղարկել այստեղ և որ այս նյութը, որը կարելի կլինի տպագրել պրոֆեսորի թույլտվությամբ, արտասովոր կերպով հետաքրքիր է։ Ես ինքս էլ միայն այն դեպքում կհամարձակվեմ հրապարակել այդ նյութը, երբ վերադառնամ Անգլիա իմ խոսքերի իրավացիությունը հաստատող իրեղեն ապացույցներով, այլապես ինձ մի նոր Մյունհաուզեն կանվանեն։ | ||
+ | |||
+ | Այս հարցում հավանորեն դուք ինձ հետ համամիտ եք և չեք ուզենա վտանգի ենթարկել «Դեյլի գազետ»֊ի անունը, մինչև որ մենք կարող կլինենք արժանավոր ձևով պաշտպանվել հոռետեսության և քննադատության այն ալիքի դեմ, որն անխուսափելիորեն կառաջացնեն իմ հոդվածները։ Ուստի թող այս ապշեցուցիչ դեպքի հաշվետվությունը, ― ինչպիսի՜ սենսացիոն վերնագիր կարող էր տալ այն մեր տատիկ «Դեյլիին», ― առայժմ մնա ձեր սեղանի դարակում և սպասի իր ժամին։ | ||
+ | |||
+ | Բայց ախր ամեն ինչ կատարվեց մի ակնթարթում, և այդ իրադարձությունը իր հետքը թողեց միայն մեր ուղեղներում։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչպես պատահեց։ Լորդ Ջոնը խփեց մի ագուտի՝ խոզի նման ոչ մեծ մի կենդանի։ Մսի կեսը տվինք հնդկացիներին, մյուս կեսը խարույկի վրա խորովում էինք մեզ համար։ Մթնելուց հետո այստեղ զով է լինում, ուստի ամեն մեկս սեղմվում էր դեպի կրակը։ Գիշերն անլուսին էր, բայց աստղերը մի փոքր ցրում էին խավարը, որ կախվել էր հարթավայրի վրա։ Եվ հանկարծ այդ մթության միջից, այդ գիշերային խավարից սավառնակի վզզոց հիշեցնող սուլոցով ինչ֊որ արարած վերևից նետվեց խարույկի վրա։ Մի ակնթարթ թաղանթավոր թևերը վրանի պես ծածկեցին մեզ, և ես հասցրի նկատել, նրա երկար, օձային վիզը, կարմիր փայլող կատաղի աչքերը և հսկայական բացված կտուցը, որի վրա, ի մեծ զարմանս իմ, շարված էին մանր, սպիտակ, շլացուցիչ ատամներ։ Մի վայրկյան, և այդ արարածը հեռացավ․․․ մեր ընթրիքի հետ միասին։ Լայնությամբ մոտ քսան ոտնաչափ սև, վիթխարի ստվերը խոյացավ դեպի երկինք, հրեշավոր թևերը մի պահ հանգցրին աստղերը մեր գլխավերևում կուտակված ապառաժների ետևում։ Ապշած ու լուռ նստել էինք խարույկի մոտ, ինչպես Վիրգիլիոսի այն հերոսները, որոնց վրա հարձակվում են հարպիաները։<ref>Հարպիաներ ― հին հունական դիցաբանության մեջ թևավոր հրեշներ։</ref> | ||
+ | |||
+ | Առաջինը Սամերլին խզեց լռությունը։ | ||
+ | |||
+ | ― Պրոֆեսոր Չելենջեր, ― հանդիսավոր, հուզմունքից դողացող ձայնով խոսեց նա, ― ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից։ Ես անիրավացի էի, սըր, բայց հուսով եմ, որ դուք անցյալը մոռացության կտաք։ | ||
+ | |||
+ | Այդ լավ էր ասված, և առաջին անգամ մեր գիտնականները սեղմեցին իրար ձեռք։ Ահա թե ինչ տվեց մեզ պտերոդակտիլի հետ անմիջական ծանոթությունը։ Հանուն այդպիսի մարդկանց հաշտեցման ափոսոս չէր նաև ընթրիքը կորցնել։ | ||
+ | |||
+ | Սակայն եթե սարահարթում կան էլ մինչպատմական կենդանիներ, ապա հավանորեն դրանք այնքան էլ շատ չեն, որովհետև երեք օրվա ընթացքում ոչ մի այդպիսի բան չտեսանք։ Այդ ամբողջ ժամանակ մենք գնում էինք սարահարթի հյուսիսային և արևելյան պատնեշների երկարությամբ, քայլում մերկ, մռայլ ու ճնշող վայրերով։ Սկզբում դա քարե անապատ էր, որին հաջորդեցին վայրի թռչուններով առատ տխուր ճահճուտներ։ Այդ տեղերը բոլորովին անմատչելի էին և եթե քարափի ստորոտում ընկած հողի բարակ շերտը չլիներ, ստիպված պիտի լինեինք ետ դառնալ։ | ||
+ | |||
+ | Քանի՜֊քանի անգամ մինչև գոտկատեղերս խրվեցինք կիսաարևադարձային ճահճուտների ջրիկ խյուսի մեջ։ Սակայն ամենավատը յարակակիներն էին՝ Հարավային Ամերիկայի ամենաթունավոր ու չար օձերը, որոնք վխտում էին այդ ճահիճներում։ Նրանք ամբողջ վտառներով դուրս էին սողում գարշահոտ խրուտներից և ընկնում մեր ետևից։ Մեզ փրկում էին միայն հրացանները, որ պահում էինք պատրաստ։ Ես հավանորեն հավիտյան չեմ մոռանա ճախնուտում եղած մի ձագարաձև փոս, որը ծածկված էր գորշ կանաչավուն ծառալոռով։ Այնտեղ այդ իժերի բույնն էր, փոսի մեջ նրանք վխտում էին․ մեզ տեսնելով՝ իժերը նետվեցին մեր կողմը, քանի որ յարակակին հայտնի է հենց նրանով, որ հերիք է միայն մարդ նկատի, որպեսզի անմիջապես հարձակվի նրա վրա։ Հնարավոր չէր բոլոր օձերին սպանել, ուստի մենք դիմեցինք փախուստի և այնքան վազեցինք, մինչև ուժասպառ եղանք։ Կանգ առնելով, ես ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մեր զարհուրելի հետապնդողները գալարվում եղեգների մեջ, չկամենալով հետապնդումը դադարեցնել։ Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը։ Այն քարտեզում, որ մենք գծագրում ենք, այդ տեղն այդպես էլ կկոչվի՝ Օձերի ճահիճ։ | ||
+ | |||
+ | Սարահարթի արևելյան կողմում ապառաժներն ոչ թե կարմիր էին, այլ մուգ շոկոլադագույն, նրանց գագաթները եզրազարդող բուսականությունը նկատելիորեն նոսրացավ, բայց, չնայած լեռնապարի ընդհանուր մակարդակն իջավ մինչև երեք հարյուր֊չորս հարյուր ոտնաչափ, մենք այստեղ էլ չկարողացանք վերելքի տեղ գտնել։ Ապառաժները թերևս նույնիսկ ավելի սեպ դարձան, քան այնտեղ էին, որտեղից սկսեցինք մեր շրջապտույտը։ Նրանց միանգամայն անառիկ լինելու մասին կարելի է դատել կից նկարով, որն արված է քարե անապատի կողմից։ | ||
+ | |||
+ | ― Բայց ախր պետք է որ անձրևաջուրը որևէ կերպ ցած հոսի, ― ասացի ես, երբ մենք քննարկում էինք, թե այսուհետև ինչ անենք։ ― Նշանակում է, չի կարող լանջերին ողողատ չլինել։ | ||
+ | |||
+ | ― Մեր պատանի բարեկամը երբեմն առողջ դատողության առկայծումներ է ունենում, ― պատասխանեց պրոֆեսոր Չելենջերը՝ ուսիս թփթփացնելով։ | ||
+ | |||
+ | ― Անձրևաջուրը պե՛տք է որ մի տեղ հոսի, ― կրկնեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Չէ, մի տեսեք ի՜նչ համառն է, ինչպիսի՜ առողջ միտք ունի․․․ Դժբախտությունը միայն այն է, որ մենք մեր աչքով համոզվեցինք այդպիսի ողողատների բացակայության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ո՞ւր է կորչում այդ ջուրը, ― անձնատուր չէի լինում ես։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն սարահարթի կենտրոնում լի՞ճ կա։ | ||
+ | |||
+ | ― Ենթադրում եմ, որ այդպես է։ | ||
+ | |||
+ | ― Եվ, ամենայն հավանականությամբ, նա առաջացել է հին խառնարանի տեղում, ― ասաց Սամերլին։ Այս բլրաշարքի ֆորմացիան ակնհայտորեն հրաբխային ծագում ունի։ Համենայն դեպս, ես հակված եմ կարծելու, որ սարահարթի մակերեսը թեքվածք ունի դեպի կենտրոնը, իսկ այնտեղ գոյություն ունի մի նշանակալլից ավազան, որտեղից ջուրը ինչ֊որ ստորերկրյա ճանապարհով հոսում է դեպի Օձերի ճահիճը։ | ||
+ | |||
+ | ― Կամ գոլորշիանում է, որը նույնպես նպաստում է ջրի մակարդակի անհրաժեշտ պահպանմանը, ― նկատեց Չելենջերը, որից հետո մեր երկու գիտնականները, ըստ սովորականի, սկսեցին իրենց գիտական վեճը, որը մեզ՝ անտեղյակներիս համար իրոք որ չինարեն էր։ | ||
+ | |||
+ | Վեցերորդ օրը վերջացրինք լեռնապարի շրջանցումը և վերադարձանք մեր նախկին կայանը՝ բրգաձև ժայռի մոտ։ Վերադարձանք ընկճված, որովհետև շրջանցումը վերջնականապես համոզեց մեզ, որ նույնիսկ ամենաճարպիկ և ուժեղ ալպինիստները չեն կարող բարձրանալ այդ սարահարթը։ Այն ձորակը, դեպի ուր տանում էին Մեպլ֊Ուայտի նշասլաքները, և որոնցով նա, հավանորեն, ինքն էլ օգտվել էր, այժմ անանցանելի էր։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ էր մնում անելու։ Սննդամթերքը և այն, ինչ որսացել էինք, լիովին բավական էր մեզ, բայց չէ՞ որ կգա մի օր, երբ անհրաժեշտ կլինի մեր պաշարները լրացնել։ Մի երկու ամսից հետո կսկսվեն անձրևները, և այն ժամանակ չես կարող ճամբարում նստել։ Այս ապառաժները մարմարից ամուր են, մենք ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ կունենանք, որպեսզի արահետ փորենք մինչև այսպիսի բարձրունքը։ Ուստի զարմանալի ոչինչ չկա, որ ամբողջ երեկո մենք մռայլ նայում էինք իրար և, վերջապես առանց ավելորդ խոսքեր շռայլելու՝ մտանք վերմակների տակ։ Քնելուց առաջ էլ դեռ հիացա հետևյալ տեսարանով․ Չելենջերը ծալապատիկ նստել էր խարույկի մոտ, ինչպես վիթխարի դոդոշ, ձեռքերը հենած իր խոշոր գլխին, և, ըստ երևույթին, այնպես էր խորասուզված մտքերի մեջ, որ նույնիսկ իմ «բարի գիշերին» չպատասխանեց։ | ||
+ | |||
+ | Սակայն առավոտյան մեր առաջ կանգնած էր մի բոլորովին ուրիշ Չելենջեր։ Ինչպես երևում է, այդ Չելենջերը հիացած էր իր անձով և ողջ էությամբ ճառագում էր ինքնաբավականությունից։ Նախաճաշի ընթացքում նա մի գլուխ նայում էր մեզ շինծու համեստությամբ, կարծես ասելով․ «Ես արժանի եմ ձեր բոլոր գովեստներին, գիտեմ, բայց աղաչում եմ, մի ստիպեք ինձ ամաչելուց կարմրել»։ Նրա մորուքը շարունակ տնկվում էր վեր, կուրծքը առաջ էր ցցված, աջ ձեռքը խրած էր բաճկոնակի փեշի տակ։ Նա իրեն երևի տեսնում էր այդպես կանգնած Տրաֆալգարյան պուրակի պատվանդաններից մեկի վրա, որը դեռ զբաղված չէր լոնդոնյան մի նոր հերթական խրտվիլակի կողմից։ | ||
+ | |||
+ | ― Է՛վրիկա, ― վերջապես ձայն տվեց Չելենջերը՝ մորուքի միջից փայլեցնելով ատամները։ ― Ջենտլմեններ, կարող եք շնորհավորել ինձ, իսկ ես կարող եմ շնորհավորել ձեզ բոլորիդ։ Խնդիրը լուծված է։ | ||
+ | |||
+ | ― Դուք գտել եք, թե որտեղի՞ց կարելի է սարահարթ բարձրանալ։ | ||
+ | |||
+ | ― Համարձակվում եմ այդպես մտածել։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց։ | ||
+ | |||
+ | Պատասխանի փոխարեն Չելենջերը ցույց տվեց բրգաձև ժայռը, որը վեր էր խոյանում մեր կայանի աջ կողմում։ Մեր դեմքերը զարմանքից ձգվեցին․ իմ դեմքի համար համենայն դեպս երաշխավորում եմ։ Չելենջերի պատմածներից մենք գիտեինք, որ այդ ժայռի վրա բարձրանալ կարելի է։ Բայց չէ՞ որ նրա և սարահարթի միջև ընկած էր մի անտակ անդունդ։ | ||
+ | |||
+ | ― Մենք ոչ մի կերպ այնտեղից սարահարթ անցնել չենք կարող, ― հազիվ արտասանեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ժայռի վրա մենք այսպես թե այնպես կբարձրանանք, ― ասաց նա։ ― Իսկ այնտեղ կտեսնենք, թերևս ես կարողանամ ապացուցել, որ իմ հնարամտությունը սահման չունի։ | ||
+ | |||
+ | Նախաճաշից հետո մենք արձակեցինք այն հակը, որի մեջ մեր ղեկավարը պահում էր իր բոլոր ալպինիստական հարմարանքները։ Հակի միջից հանեցինք երկաթի կատվիկները, կեռերը և մոտ հարյուր հիսուն ոտնաչափ երկարությամբ պինդ, թեթև ճոպանը։ Լորդ Ջոնը փորձված ալպինիստ էր, Սամերլին նույնպես առիթ էր ունեցել դժվարին վերելքներ կատարելու, հետևաբար այդ գործում սկսնակը միայն ես էի։ Սակայն ուժն ու կրակը պետք է փոխարինեին իմ փորձի բացակայությունը։ | ||
+ | |||
+ | Պարզվեց, որ խնդիրն այնքան էլ դժվար չէ, չնայած եղան րոպեներ, երբ վախից մազերս փշաքաղվում էին։ Վերելքի առաջին կեսը բոլորովին հեշտ անցավ, բայց այնուհետև ժայռն ավելի ու ավելի սևպացավ, և վերջին հիսուն ոտնաչափը մենք վեր էինք մագլցում ոտքերով ու ձեռքերով կառչելով յուրաքանչյուր ելուստից, քարերի մեջ եղած յուրաքանչյուր ճեղքից։ Ո՛չ ես, ո՛չ էլ պրոֆեսոր Սամերլին չէինք կարող վերելքը հաղթահարել, եթե Չելեմջերը չլիներ։ Նա առաջինը հասավ բարձրունք (տարօրինակ էր այդ ծանրամարմին մարդու մեջ այդպիսի ճարպկություն տեսնել) և ճոպանը կապեց այնտեղ աճած խոշոր ծառի բնին։ Նրա օգնությամբ շուտով մենք վեր մագլցեցինք քարե խորդուբորդ պատնեշի վրայով և հայտնվեցինք քսանհինգ ոտնաչափ լայնություն ունեցող խոտածածկ մի հարթակում։ Ժայռի կատարը հենց այդ էր։ | ||
+ | |||
+ | Մի փոքր շունչս ետ բերելով՝ նայեցի ետ և ապշեցի իմ առաջ բացված տեսարանից։ Թվում էր, թե բրազիլական ողջ հարթավայրն էր փռվել մեր դեմ՝ ձգվելով դեպի կապտավուն ծխով պարուրված հեռուները։ Մեր ոտքերի մոտից սկսվում էր զառիկող քարե թեքությունը, որը տեղ֊տեղ ծածկված էր ծառանման ձարիխոտով, իսկ դենը, թամբաձև բլրակների ետևում, պարզ երևում էին բամբուկի դեղնականաչ մացառուտները, որոնց միջով վերջերս անցել էինք մենք։ Այնուհետև թփերն ու ծառերը խտանում էին և, վերջապես, ձուլվում ջունգլիների համատարած պարսպի մեջ, ջունգլիներ, որոնք ձգվում էին որքն աչքդ կտրի և, հավանորեն, էլի մի երկու հազար մղոն դեպի երկրի խորքերը։ | ||
+ | |||
+ | Ես դեռ արբենում էի այդ կախարդական համայնապատկերով երբ հանկարծ պրոֆեսորի ծանր ձեռքն իջավ իմ ուսին։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ նայեք, իմ պատանի բարեկամ, ― ասաց նա։ ― Vestigia nulla retrorsum:<ref>Ոչ մի քայլ ետ (լատիներեն)</ref> Ես հայացքս դարձրի սարահարթի կողմը։ Նա գտնվում էր մեզ հետ հավասար բարձրության վրա, և հատուկենտ ծառերով թփուտի կանաչ եզրագոտին այնքան մոտ էր ժայռին, որ ես ակամա կասկածեցի՝ մի՞թե նա իրոք անմատչելի է։ Աչքի չափով այս անդունդը քառասուն ոտնաչափից ավելի լայնություն չուներ, բայց միևնույն չէ՞, ― քառասուն կամ չորս հարյուր ոտնաչափ։ Ես բռնեցի ծառի բնից և նայեցի ներքև, դեպի անդունդը։ Այնտեղ, նրա հատակում սևին էին տալիս մեր կողմը նայող հնդկացիների պստլիկ ֆիգուրաները։ Երկու պատն էլ՝ և՛ ժայռինը, և՛ սարահարթինը, բոլորովին թեք էին։ | ||
+ | |||
+ | ― Հետաքրքիր է, ― լսեցի իմ ետևից պրոֆեսոր Սամերլիի ճռճռան ձայնը։ | ||
+ | |||
+ | Ետ նայեցի ու տեսա, որ նա մեծագույն հետաքրքրությամբ զննում է այն ծառը, որն ինձ պահում էր անդունդի վրա։ Նրա հարթ կեղևի և փոքրիկ կողավոր տերևների մեջ ինչ֊որ խիստ ծանոթ բան կար։ | ||
+ | |||
+ | ― Բայց սա հո հաճարենի է, ― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― հաստատեց Սամերլին։ ― Մեր հայրենակիցը նույնպես ընկել է օտարության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ միայն հայրենակից, հարգելի սըր, այլև հավատարիմ դաշնակից, եթե բանն այդտեղ հասավ, ― ասաց Չելենջերը։ ― Այս հաճարենին մեր փրկիչն է լինելու։ | ||
+ | |||
+ | ― Կամո՛ւրջ, ― գոչեց լորդ Ջոնը։ ― Ողորմա՜ծ տեր, կամո՛ւրջ։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, բարեկամներս, կամուրջ։ Իզուր չէ, որ երեկ ես ամբողջ մի ժամ գլուխ էի կոտրում՝ աշխատելով որևէ ելք գտնել։ Եթե մեր պատանի բարեկամը հիշում է, ապա նրան մի անգամ արդեն ասված է, Ջորջ Էդուարդ Չելենջերն իրեն ամենից լավ է զգում, երբ նրան դեմ են անում պատին։ Իսկ երեկ, դուք այդ, իհարկե, չեք ժխտի, մենք բոլորս էլ պատին սեղմվեցինք։ Բայց այնտեղ, ուր ինտելեկտն ու կամքը գործում են միասին, միշտ էլ մի ելք կգտնվի։ Այս անդունդի վրա անհրաժեշտ է կամուրջ գցել։ Ահա, նա ձեր առաջ է։ | ||
+ | |||
+ | Իսկապե՛ս որ փայլուն միտք։ Ծառը վաթսուն ոտնաչափից ոչ պակաս բարձրություն ուներ, և եթե ընկներ այնպես, ինչպես պետք է՝ անդունդը կծածկվեր։ Պատրաստվելով վերելքի՝ Չելենջերը չէր մոռացել հետը կացին վերցնել։ Այժմ նա այդ կացինը մեկնեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Մեր պատանի բարեկամը նախանձելի մկաններ ունի։ Նա բոլորից լավ գլուխ կբերի այս գործը։ Բայց և այնպես, խնդրում եմ, արեք միայն այն, ինչ որ կասվի ձեզ, և մի ջանաք նեղություն տալ ձեր ուղեղին։ | ||
+ | |||
+ | Հետևելով նրա ցուցումներին՝ ես ծառի վրա մի քանի քարթ արի այն հաշվով, որպեսզի նա ցած ընկնի անհրաժեշտ ուղղությամբ։ Խնդիրն այնքան էլ դժվար չէր, որովհետև նրա բունը ինքնին խիստ թեքվել էր սարահարթի կողմը։ Ապս մենք լորդ Ջոնի հետ փոխնիփոխ լուրջ կերպով գործի անցանք։ Մոտավորապես մի ժամից հետո լսվեց մի ուժեղ ճռնչյուն, ծառը ճոճվեց ու ցած տապալվեց, գագաթը թաղելով անդունդի հակառակ կողմի թփերում։ Բունը գլորվեց դեպի հարթակի ծայրը, և մի սարսափելի ակնթարթ թվաց, թե ընկնելու է անդունդը։ Բայց նա ժայռի եզրից մի քանի ոտնաչափի վրա ցնցվեց ու կանգ առավ։ Դեպի Անհայտ երկիր կամուրջը գցված էր։ | ||
+ | |||
+ | Բոլորոս առանց մի խոսք ասելու սեղմեցինք պրոֆեսոր Չելենջերի ձեռքը, իսկ նա հանեց իր ծղոտե գլխարկը և խոր գլուխ տվեց յուրաքանչյուրիս։ | ||
+ | |||
+ | ― Ինձ է պատկանում առաջինը Անհայտ երկիր ոտք դնելու պատիվը, ― ասաց նա։ ― Չեմ կասկածում, որ ապագայի նկարիչներն իրենց կտավների վրա կպատկերեն այս պատմական րոպեն։ | ||
+ | |||
+ | Նա արդեն մոտեցել էր անդունդի ծայրին, երբ հանկարծ լորդ Ջոնը բռնեց նրա բաճկոնակից։ | ||
+ | |||
+ | ― Թանկագին պրոֆեսոր, ― ասաց նա, ― ես ոչ մի պայմանով չեմ կարող այդ բանը թույլ տալ։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն ինչպե՞ս, սըր։ Չելենջերի գլուխը թեքվեց ետ, մորուքը վեր ցցվեց։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչում, որ վերաբերում է գիտությանը, ես ճանաչում եմ ձեր առաջնությունը, որովհետև դուք գիտնական եք։ Բայց սա իմ ճյուղին է պատկանում, այնպես որ բարի եղեք ենթարկվելու ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե «ձեր ճյուղին», սըր։ | ||
+ | |||
+ | ― Մեզնից ամեն մեկն իր արհեստն ունի, և իմը զինվորական արհեստ է։ Որքան ես հասկանում եմ, մենք պատրաստվում ենք ներխուժել մի չուսումնասիրված երկիր՝ թերևս լի թշնամիներով։ Մի փոքր առողջ բանականություն և տոկունություն։ Ես սովոր չեմ գործել առանց կշռադատելու։ | ||
+ | |||
+ | Լորդ Ջոնի փաստարկներն այնքան համոզիչ էին, որ հարկ չեղավ նրա հետ վիճել։ Չելենջերը ետ գցեց գլուխը և ուսերը թոթվեց։ | ||
+ | |||
+ | ― Լավ, սըր, ի՞նչ եք առաջարկում։ | ||
+ | |||
+ | ― Ով գիտե, թերևս այդ թփերում պահվել է մարդակերների մի ցեղ, որի նախաճաշի ժամն է հիմա, ― ասաց լորդ Ջոնը՝ կամուրջի վրայից նայելով դեպի ապառաժները։ ― Կընկնենք եռացող կաթսայի մեջ, այն ժամանակ մտածելն ուշ կլինի։ Ուստի, եկեք մտածենք, որ ոչ մի վատ բան չի սպասում մեզ, բայց համենայն դեպս զգույշ գործենք։ Ես և Մելոունը կիջնենք ցած, կվերցնենք չորս հրացանները և երկու մետիսների հետ ետ կգանք։ Հետո մեզնից մեկը հրացանների պաշտպանությամբ կանցնի մյուս կողմը, և, եթե ամեն ինչ բարեհաջող գնա, մյուսները կհետևեն նրան։ | ||
+ | |||
+ | Չելենջերը նստեց կտրած ծառի կոճղին և անհամբերությունից տնքաց, բայց ես և Սամերլին միահամուռ կերպով պաշտպանեցինք լորդ Ջոնին՝ գտնելով, որ երբ բանը հասնում է պրակտիկային, ղեկավարության իրավունքը պետք է պատկանի նրան։ | ||
+ | |||
+ | Ժայռի վրա բարձրանալն այժմ շատ ավելի հեշտ էր, որովհետև ամենադժվարին տեղում ճոպանն օգնում էր մեզ։ Մի ժամից հետո հրացաններն առած վերադարձանք։ Լորդ Ջոնի կարգադրությամբ մետիսները մի պարկ սննդամթերք վեր բարձրացրին՝ ի նկատի ունենալով, որ մեր առաջին արտելքը դեպի Անհայտ երկիր կարող էր երկար տևել։ Յուրաքանչյուրի փամփուշտները գտնվում էին իր մոտ։ | ||
+ | |||
+ | ― Դե, միստր Չելենջեր, եթե դուք ուզում եք անպայման առաջինը լինել․․․ ― ասաց լորդ Ջոնը, երբ բոլոր նախապատրաստություններն ավարտված էին։ | ||
+ | |||
+ | ― Անսահման պարտավորված եմ ձեզ՝ նման ողորմածության համար, ― չարությամբ պատասխանեց պրոֆեսորը, որն իր հեղինակությունից բացի ուրիշ ոչ մի հեղինակություն չէր ընդունում։ ― Եթե դուք դեմ չեք, ես կօգտվեմ ձեր սիրալիրությունից և հանդես կգամ իբրև պիոներ։ | ||
+ | |||
+ | Նա կացինը ուսին գցեց, հեծավ ծառին և, ձեռքերի վրա հենվելով, արագորեն անցավ այն կողմը, ոտքի ելավ և ձեռքերը վեր պարզեց։ | ||
+ | |||
+ | ― Վերջապե՜ս, ― գոչեց նա։ ― Վերջապե՜ս։ | ||
+ | |||
+ | Ես ահ ու դողով հետևում էի նրան՝ սպասելով, թե ինչ է պատրաստում նրա համար այդ կանաչ ծածկոցը։ Բայց շուրջը խաղաղ էր, միայն ինչ֊որ տարօրինակ, խայտաբղետ թռչուն թռավ պրոֆեսորի ոտքերի տակից և կորավ ծառերի ետևում։ | ||
+ | |||
+ | Երկրորդը Սամերլին անցավ անդունդի վրայով։ Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան ուժ կա այդ նիհար մարմնի մեջ։ Նա ուզեց անպայման երկու հրացան վերցնել իր հետ, այնպես որ այժմ երկու պրոֆեսորն էլ զինված էին։ Հետո հերթը հասավ ինձ։ Ես աշխատում էի չնայել ներքևում բացվող զարհուրելի անդունդին։ Սամերլին հրացանի խզակոթը պարզեց ինձ, իսկ մի վայրկյան հետո ես արդեն բռնել էի նրա ձեռքից։ ԻՆչ վերաբերում է լորդ Ջոնին, ապա նա պարզապես անցավ կամրջի վրայով, անցավ առանց որևէ բանի վրա հենվելու։ Այդ մարդը երկաթյա ջղեր ունի։ | ||
+ | |||
+ | Եվ ահա մենք չորսով կախարդական երկրում ենք, Կորուսյալ աշխարհում, ուր մինչև այժմ միայն Մեպլ֊Ուայտն է եղել։ Հասավ մեծագույն հաղթանակի րոպեն։ Բայց ո՞վ կարող էր մտածել, որ այդ րոպեին մեզ համար մեծագույն դժբախտությունների սկզիբն է լինելու։ Թույլ տվեք, ուրեմն, մի քանի խոսքով պատմել, թե այդ զարհուրելի հարվածն ինչպես պայթեց մեր գլխին։ | ||
+ | |||
+ | Նոր էինք հեռացել անդունդի եզրից և մի հիսուն ոտնաչափ խորացել թփուտների մեջ, երբ հանկարծ մեր ետևում մի խլացուցիչ թնդյուն լսվեց։ Մենք բնազդաբար վազեցինք այն կողմը։ Մեր կամուրջն այլևս գոյություն չուներ։ | ||
+ | |||
+ | Նայելով ներքև՝ ես անդունդի հատակին տեսա տաշեղների ու ճյուղերի մի շփոթ՝ այն ամենը, ինչ֊որ մնացել էր հաճարենուց։ Մի՞թե հարթակի եզրը չէր դիմացել այդպիսի ծանրության և փլվել էր։ Այդ առաջին միտքն էր, որ անցավ մեր գլխով։ Իսկ հետո բրգաձև ժայռի ետևից դանդաղորեն երևաց ինչ֊որ մեկի դարչնագույն կերպարանքը։ Դա մեր մետիս Գոմեսն էր։ Բայց ո՞ւր էր կորել նրա զուսպ ժպիտը և սֆինքսային անթափանցելիությունը։ Ատելությունն աղավաղել էր մեզ նայող այդ դեմքը, հագեցած վրեժխնդրությունը խելագար ցնծությամբ էր վառել նրա այտերը։ | ||
+ | |||
+ | ― Լորդ Ռոքստոն, ― բղավեց նա։ ― Լո՛րդ Ջոն Ռոքստոն։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ուզում, ― պատասխանեց մեր ուղեկիցը։ ― Ես այստեղ եմ։ | ||
+ | |||
+ | Ճայթող քրքիջի ձայնը հասավ մեզ։ | ||
+ | |||
+ | ― Այո, դու այդտեղ ես, անգլիացի շո՛ւն, և էլ այդտեղից դուրս չես պրծնի։ Ես սպասում էի, վաղուց էի սպասում, թե երբ կգա իմ ժամը։ Ձեզ համար դժվար էր վերև բարձրանալը, իսկ ցած իջնելն ավելի դժվար կլինի։ է՛հ, անխելքնե՜ր։ Ընկա՞ք թակարդը։ Բոլորդ միասին ընկաք։ | ||
+ | |||
+ | Մենք ապշած, խոսք չէինք գտնում և լուռ նայում էինք մետիսներին։ Մի մեծ, ջարդված ոստ, որ ընկած էր խոտերի վրա, բացատրում էր, թե ինչն է ծառայել իբրև լծակ մեր կամուրջը ցած գլորելիս։ Նրա դեմքը կորավ թփերում, բայց մի վայրկյան հետ նորից երևաց՝ է՛լ ավելի աղավաղված ատելությունից։ | ||
+ | |||
+ | ― Մենք քիչ էր մնում ձեզ քարով սպանեինք քարայրի մոտ, ― ձայն տվեց նա, ― բայց այսպես ավելի լավ է։ Դանդաղ մահն ավելի սարսափելի է։ Ձեր ոսկորները կճերմակեն, և ոչ մի մարդ չի իմանա, թե նրանք որտեղ են հանգչում, ոչ մի մարդ չի գա հողով ծածկելու դրանք։ Երբ շունչդ փչելու կլինես, հիշի՛ր Լոպեսին, որին հինգ տարի առաջ սպանեցիր Պատումայո գետի մոտ։ Ես նրա եղբայրն եմ, և ինչպես էլ որ մեռնելու լինեմ, կմեռնեմ հանգիստ, որովհետև նրա վրեժն առա։ | ||
+ | |||
+ | Մետիսը ցասկոտությամբ բռունցք ցույց տվեց ու չքացավ։ Տիրեց ծանր լռություն։ | ||
+ | |||
+ | Եթե Գոմեսը վրեժը հագեցնելուց հետո, միայն դրանով էլ սահմանափակվեր, հեշտ կպրծներ։ Նրան կործանեց դրամատիկական էֆեկտների հանդեպ ունեցած խելահեղ կիրքը, որ հատուկ է լատինական ցեղի բոլոր մարդկանց, իսկ Ռոքստոնը, որը «աստծու խարազանի» համբավ ուներ Հարավային Ամերիկայի երեք երկրներում, թույլ չտվեց իր հետ կատակ անել։ Մետիսն արդեն իջնում էր ժայռի հակադիր լանջով, բայց նրան այնպես էլ չհաջողվեց ոտքը հողին դնել։ Լորդ Ջոնը վազում էր սարահարթի եզրով, որպեսզի նրան աչքից չփախցնի։ Որոտաց կրակոցը, մենք լսեցինք մի սուր ճիչ, և մի վայրկյան հետո՝ վայր ընկնող մարմնի մի խուլ թմփոց։ Ռոքստոնը վերադարձավ մեզ մոտ, նրա դեմքն ասես քարացել էր։ | ||
+ | |||
+ | ― Ես կույր եմ, ցանցառի մեկը, ― դառնությամբ ասաց նա։ ― Իմ հիմարությունը կործանեց բոլորիդ։ Ինչու պիտի մոռանայի, որ այդ մարդիկ ոչինչ չեն ներում, որ նրանց հետ միշտ էլ պետք է զգույշ լինել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ մյուս մետիսին խնայեցիք։ Չէ՞ որ առանց նրա օգնության Գոմեսը չէր կարող ծառը ներքև գլորել։ | ||
+ | |||
+ | ― Կարող էի նրան էլ վերջ տալ, միայն թե խղճացի։ Միգուցե նա մեղք չունի։ Բայց թերևս դուք ճիշտ եք։ Ավելի լավ էր նրան էլ սպանել․ նա հավանորեն օգնել է Գոմեսին։ | ||
+ | |||
+ | Այժմ, երբ դավաճանության իսկական աստառը պարզվեց, մենք սկսեցինք հիշել, որ մետիսի վարքը շատ բաներում կասկածելի էր։ Ամեն ինչ հասկանալի դարձավ՝ և՛ նրա համառ ձգտումը՝ թափանցել արշավախմբի պլանների մեջ, և՛ գժտությունը խրճիթի մոտ, երբ Սամբոն խանգարել էր նրան ականջ դնելու մեր խոսակցությունը, և՛ նրա ատելությամբ լի հայացքները, որ հաճախ մենք որսում էինք։ Շարունակեցինք քննարկել այդ բոլորը՝ միաժամանակ աշխատելով վարժվել դեպքերի նոր ընթացքին, երբ հանկարծ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքրական տեսարան, որ տեղի էր ունենում ներքևում, քարափի ստորոտին։ Սպիտակ հագած մի մարդ, ― հավանորեն, ողջ մնացած մետիսը, ― ամբողջ ուժով փախչում էր հարթավայրով, ասես ջանալով ազատվել վերահաս մահից։ Նրա ետևից վիթխարի ցատկերով վազում էր ձյութի նման սև մի հսկա՝ մեր հավատարիմ նեգր Սամբոն։ Մեր աչքի առաջ նա հասավ փախստականին, թռավ նրա մեջքին և նրա վիզը երկու ձեռքերի մեջ առավ։ Նրանք գլորվեցին գետին։ Մի րոպե հետո Սամբոն ոտքի ելավ, նայեց իր առաջ մեկնված մարմնին և, ձեռքերն ուրախ թափահարելով մեր կողմը, վազեց դեպի ժայռը։ Սպիտակ, անշարժ կերպարանքն այնպես էլ պառկած մնաց դաշտավայրում։ | ||
+ | |||
+ | Երկու դավաճանն էլ ստացան իրենց հատուցումը, բայց նրանց արարքն անուղղելի էր։ Մենք չէինք կարող վերադառնալ դեպի ժայռը։ Մի ժամանակ մեր կացարանն ամբողջ աշխարհն էր, իսկ այժմ նա նեղացել էր մինչև սարահարթի չափերը։ Մեկը և մյուսը գոյություն ունեին առանձին֊առանձին։ Ահա հարթավայրը, որը տանում էր դեպի թաքնված նավակները։ Իսկ այնտեղ, հորիզոնի բաց մանուշակագույն ծխի ետևում գետն էր, դեպի քաղաքակրթություն տանող ճանապարհը։ Չքացել էր միայն միակ կապող օղակը։ Ոչ մի հնարամտություն չէր կարող կամուրջ գցել այն անդունդի վրա, որ բացվում էր մեր ներկայի և անցյալի միջև։ Բավական էր մի ակնթարթ, և ինչպե՜ս ամեն բան փոխվեց։ | ||
+ | |||
+ | Եվ այստեղ ես հասկացա, թե իմ երեք ընկերներն ինչ խմորից են հունցված։ Ճիշտ է, նրանց տեսքը շատ լուրջ էր ու կենտրոնացած, բայց ոչ մի բան չէր կարող խանգարել այդ մարդկանց անխռով հանգստությունը։ Մեզ ուրիշ բան չէր մնում, բայց եթե նստել թփերում և համբերությամբ սպասել Սամբոյին։ Շուտով նրա բարեհոգի սև կերպարանքը երևաց քարերի ետևից, և նա իր ողջ հզոր հասակով կանգնեց ժայռի կատարին։ | ||
+ | |||
+ | ― Հիմի ես ի՞նչ անել, ― ձայն տվեց Սամբոն։ ― Դուք ինձ ասա, ես ամեն ինչ անել։ | ||
+ | |||
+ | Նման հարց տալը հեշտ էր, իսկ պատասխանելը՝ դժվար։ Մենք միայն մի բան գիտեինք։ Սամբոն մեր միակ հուսալի կապն էր արտաքին աշխարհի հետ։ Գոնե նա մեզ չլքեր։ | ||
+ | |||
+ | ― Չէ՛, չէ՛, ― բղավեց Սամբոն։ ― Ես ձեզ չթողնել։ Ես միշտ էստեղ։ Հնդկացիներ ուզեց գնալ։ Սամբոն չի կարող պահել հնդկացիներ։ Նրանք ասում՝ էստեղ ապրում Կուրուպուրի, տուն էրթանք։ Դուք չկա, իսկ Սամբոն մենակ չի կարող հնդկացիներ համոզել։ | ||
+ | |||
+ | Իսկապես, վերջին ժամանակները հնդկացիները չէին աշխատում թաքցնել, որ ուզում են թողնել մեզ ու վերադառնալ իրենց տները։ Սամբոն ճիշտ էր ասում․ այժմ նրանց ետ պահելու ոչ մի հնար չկար։ | ||
+ | |||
+ | ― Սամբո, հնդկացիներին համոզիր՝ սպասեն մինչև վաղը։ Այն ժամանակ ես նրանց հետ նամակ կուղարկեմ, ― ձայն տվի ես։ | ||
+ | |||
+ | ― Լավ, սըր։ Հնդկացիներ կսպասեն վաղ։ Սամբո խոսք տալիս։ | ||
+ | |||
+ | Գործ շատ ճարվեց մեր հավատարիմ նեգրի համար, և նա ամեն բան էլ հիանալի գլուխ բերեց։ Ամենից առաջ պատվիրեցինք արձակել ծառի շուրջը փաթաթված ճոպանը և մի ծայրը նետել մեզ։ Ճոպանը լվացքի պարանից հաստ չէր, բայց խիստ ամուր էր, և չնայած իբրև կամուրջ պիտանի չէր, այնուամենայնիվ նման իրը շատ անհրաժեշտ էր մեր պայմաններում։ Ապա Սամբոն ճոպանի մյուս ծայրին կապեց ուտելիքի պաշարով լի պարկը, որ արդեն հանել էր ժայռի վրա, և մենք պարկը քաշեցինք մեզ մոտ։ Սննդամթերքը ամենաքիչը մի շաբաթ հերիք կաներ մեզ, եթե նույնիսկ մեր պաշարը որսով չլրացնեինք։ Վերջապես Սամբոն վերև բարձրացրեց ևս երկու պարկ, որոնց մեջ փամփուշտներն էին և շատ այլ իրեր։ Այդ բոլորը ճոպանով քաշեցինք մեզ մոտ։ Արդեն երեկո էր, երբ մեր նեգրը վերջին անգամ իջավ ներքև, հաստատ հավատացնելով, որ հնդկացիները կմնան մինչև առավոտ։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչու այդ ամբողջ գիշերը, ― մեր առաջին գիշերը սարահարթում, ― ես անցկացրի լապտերի լույսի տակ՝ գրի առնելով մեր գլխով անցածը։ | ||
+ | |||
+ | Գիշերելու տեղ ընտրեցինք զառիթափի եզրին, հենց այդտեղ էլ ընթրեցինք, հացի վրա ապոլինարուս խմելով, որից երկու շիշ գտնվեց մթերքի պարկերից մեկում։ Ջուր գտնելը մեզ համար մահու ու կենաց խնդիր է, բայց կարծում եմ, որ այսօրվա արկածները բավական են նույնիսկ լորդ Ջոնի համար, իսկ մյուսներն առավել ևս ոչ մի ցանկություն չունեն Անհայտ երկիրը հետազոտության գնալու։ Որոշեցինք խարույկ չվառել և ընդհանրապես աշխատում ենք որքան կարելի է քիչ աղմուկ հանել։ | ||
+ | |||
+ | Վաղը, ավելի ճիշտ այսօր, որովհետև ես նստեցի մինչև լուսաբաց, մենք մեր առաջին արտելքը կկատարենք դեպի այս հանելուկային աշխարհը։ Ե՞րբ կհաջողվի շարունակել իմ գրառումները և կհաջողվի՞ արդյոք, չգիտեմ։ Առայժմ հնդկացիները դեռ այստեղ են՝ այստեղից ես տեսնում եմ նրանց, և համոզված եմ, որ շուտով մեր Սամբոն կգա նամակի ետևից։ Շատ հուսով եմ, որ նա շուտով կհասնի ըստ պատկանելույն։ | ||
+ | |||
+ | Հ․ Գ․ Որքան շատ եմ մտածում մեր վիճակի մասին, այնքան անուրախ է թվում այն ինձ։ Վերադարձի հույս չունեմ։ Եթե սարահարթի եզրին մի ծառ լիներ, կարող էինք անդունդի վրա նոր կամուրջ գցել, բայց հիսուն ոտնաչափից մոտիկ ծառեր չկան, իսկ այդպիսի ծանրություն քարշ տալ զառիթափի մոտ չի հաջողվի նույնիսկ չորս հոգով։ Ճոպանն էլ շատ է կարճ, նրանով չես կարող ցած իջնել։ Ո՛չ, մեր դրությունն անհուսալի է, անհուսալի․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ X «Ահա՛ հրաշքները»== | ||
+ | |||
+ | |||
+ | Մեզ մոտ պատահել ու պատահում են իսկական հրաշքներ։ Իմ թղթի պաշարները բաղկացած են հինգ քրքրված ծոցատետրերից ու մի կույտ առանձին֊առանձին թերթիկներից, իսկ ստիլոգրաֆիկ մատիտ ընդամենը մեկ հատ է։ Բայց քանի դեռ ձեռքս ընդունակ է շարժվելու, ես չեմ դադարի մանրամասնորեն գրի առնել մեր արկածները, և, հիշելով, որ մարդկային ցեղի ներկայացուցիչներից միայն մենք ենք այդ հրաշքների ականատեսները, շտապում եմ նկարագրել, քանի դեռ դրանք թարմ են հիշողությանս մեջ և քանի դեռ չար բախտը վրա չի հասել, որից հավանորեն խույս տալ չենք կարող։ | ||
+ | |||
+ | Արդյոք կարո՞ղ է Սամբոն իմ նամակները հասցնել Ամազոնի ափերը, թե՞ ինքս Լոնդոն կտանեմ դրանք՝ մի հրաշքով դուրս պրծնելով այստեղից, կընկնե՞ն այդ նամակները որևէ համարձակ մարդու ձեռք, որը, թերևս, կատարելագործված մոնոպլանով կթռչի֊կհասնի այս սարահարթը՝ չգիտեմ՝ սակայն, ինչ ուզում է լինի, հաստատապես համոզված եմ, որ այդ գրառումները կդառնան մեր ճշմարիտ արկածների դասական պատմությունը և որ դրանց է անմահություն վիճակված։ | ||
+ | |||
+ | Անզգամ Գոմեսի սարքած ծուղակն ընկնելու հենց հետևյալ օրը մենք շատ բաներում լրացրինք մեր կենսափորձը։ Ասենք, այդ առավոտ ինձ վիճակված առաջին փորձությունը մի առանձին համակրանք չէր ներշնչում այն վայրի նկատմամբ, որ ճակատագիրը գցել էր մեզ։ Ես միայն լուսադեմին քնեցի և, զարթնելով, ինչ֊որ տարօրինակ բան տեսա իմ սրնքամկանի վրա։ Քնած ժամանակ շալվարիս աջ փողքը մի քիչ վերև էր բարձրացել, և այժմ նրա ու գուլպայիս միջև ոտքիս վրա նստած էր մի մեծ, հրակարմիր, խաղողահատիկ։ Ես զարմանքով ձեռք տվի նրան, և հանկարծ մեծագույն սարսափով ու զզվանքով տեսա, որ խաղողահատիկը տրաքեց մատներիս մեջ՝ չորս կողմ արյան ցայտեր թռցնելով։ Իմ աղաղակի վրա հասան երկու պրոֆեսորները։ | ||
+ | |||
+ | ― Չափազանց հետաքրքրական է, ― ասաց Սամերլին՝ թեքվելով ինձ վրա։ Վիթխարի շնաճանճ և, որքան ինձ հայտնի է, ո՛չ մի որոշչի մեջ չի մտցված։ | ||
+ | |||
+ | ― Մենք մեր ջանքերի առաջին պտուղներն ենք քաղում, ― խրատական տոնով թնդաց Չելենջերը։ ― Հարկ կլինի սրան անվանել Ixodes Maloni: Բայց, իմ պատանի բարեկամ, ինչ նշանակություն ունի այնպիսի մի չնչին բան, ինչպիսին շնաճանճի խայթոցն է, այն բանի համեմատությամբ, որ ձեր անունը կգրվի կենդանաբանության փառապանծ տարեգրություններում։ Դժբախտաբար, դուք այդ սքանչելի նմուշահատը ճզմել եք նրա հագենալու րոպեին։ | ||
+ | |||
+ | ― Ինչպիսի՜ գարշանք, ― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Չելենջերն ի նշան բողոքի բարձրացրեց իր թավ հոնքերը և հանգստացուցիչ եղանակով թփթփացրեց ուսիս։ | ||
+ | |||
+ | ― Սովորեցեք իրերին նայել գիտական տեսանկյունից, զարգացրեք ձեր մեջ գիտական սառնասրտություն, ― ասաց նա։ ― Փիլիսոփայական մտածողության տեր մարդու համար, ինչպիսին, օրինակ, ես եմ, այդ շնաճանճն իր նշտարաձև կնճիթով և ձգվող ստամոքսով հանդիսանում է բնության նույնպիսի հրաշալի ստեղծագործություն, ինչպես, ասենք, սիրամարգը կամ հյուսիսափայլը։ Ինձ համար ցավալի է լսել, որ դուք նրա մասին այդպես բացասաբար եք արտահայտվում։ Որոշ ջանքեր գործադրելու դեպքում չեմ կասկածում, որ մենք կարող ենք դրա երկրորդ օրինակը ձեռք բերել։ | ||
+ | |||
+ | ― Ես ևս չեմ կասկածում, ― մռայլորեն խոսեց Սամերլին, ― քանի որ այդ երկրորդ օրինակը մտավ ձեր օձիքի տակ։ | ||
+ | |||
+ | Չելենջերը վեր թռավ տեղում և, ցուլի պես մռնչալով, սկսեց վրայի կուրտկան ու բաճկոնը պատառոտել։ Ես և Սամերլին այնպես զվարճացանք, որ նույնիսկ չէինք կարողանում օգնել նրան։ Վերջապես, մեզ մի կերպ հաջողվեց մերկացնել Չելենջերի հզոր իրանը (դերձակի չափումով՝ կրծքի լայնությունը հիսունչորս դյույում) և կուրծքը ծածկող սև մազերի թավուտում բռնել շնաճանճին, որը դեռևս ոչ մի վնաս չէր հասցրել նրան։ Պարզվեց, որ մեր շուրջը գտնվող բոլոր թփերի վրա վխտում էր այդ գարշանքը։ Որոշեցինք կայանը փոխադրել մի ուրիշ տեղ։ | ||
+ | |||
+ | Բայց նախ անհրաժեշտ է պայմանավորվել մեր հավատարիմ նեգրի հետ, որը կակաոյի տուփերը և պաքսիմատի փաթեթները ձեռքին, շուտով հայտնվեց ժայռի կատարին։ Այդ բոլորը փոխադրվեց մեզ մոտ, պատվիրեցինք նրան ներքևում եղած մթերքներից երկու ամսվա պաշար առանձնացնել իր համար, իսկ մնացածը բաժանել հնդկացիներին իբրև վարձատրություն իրենց ծառայության և իբրև մեր նամակները Ամազոն հասցնելու երաշխիք։ Մի քանի ժամից հետո տեսանք, թե ինչպես նրանք, կապոցները գլխներին դրած, իծաշարուկ ձգվեցին հարթավայրով, այն նույն ճանապարհով, որով մենք այստեղ էինք եկել։ Սամբոն բնակություն հաստատեց բրգաձև ժայռի ստորոտին խփած մեր փոքրիկ վրանում՝ մնալով մեզ արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը։ | ||
+ | |||
+ | Այժմ մեր առաջ դրված էր առաջիկա գործողությունների պլանի մշակման հարցը։ Մենք մեր կայանը շնաճանճերով լի թփուտից տեղափոխեցինք չորս կողմից ծառերով շրջապատված մի փոքրիկ բացատ։ Բացատի մեջտեղում ընկած էին մի քանի տափակ գլաքարեր, որոնցից ոչ հեռու մի հիանալի աղբյուր կար։ Մենք գոհունակությամբ սկսեցինք մշակել անծանոթ երկիր ներխուժելու մեր պլանները։ Խիտ սաղարթներից իրար ձայն էին տալիս թռչունները․ ամենից բարձր լսվում էր ինչ֊որ անծանոթ երգչի երկար սուլոցը։ Մենք այստեղ կյանքի ուրիշ ոչ մի նշան չնկատեցինք։ | ||
+ | |||
+ | Առաջին բանը, որ պիտի անեինք, մեր ունեցվածքի մանրամանս ցուցակ կազմելն էր, որպեսզի հաստատ իմանանք, թե որքան ժամանակ կարող ենք մեզ ապահովված համարել։ Պարզվեց, որ մեր պաշարները լիովին բավարար են։ Հաշվի առանք ամեն ինչ՝ և՛ հետներս բերածը, և՛ նեգրի կողմից պարանով անցկացրածը։ Բայց որ ամենակարևորն էր, ― ի նկատի ունենալով այն վտանգները, որոնցից մենք, հավանորեն, չէինք կարող խույս տալ, ― մեզ մոտ էին բոլոր չորս հրացանները, հազար երեք հարյուր փամփուշտ նրանց համար, որսորդական հրացանը և մոտ հարյուր հիսուն միջին տրամաչափի փամփուշտ։ Սննդամթերքը կբավականացներ մի քանի շաբաթ, ծխախոտը՝ ինչքան ասես։ Կային նաև ուրիշ գիտական գործիքներ, ներառյալ ուժեղ հեռադիտակը և դաշտային ընտիր բինոկլը։ Այդ բոլորը դասավորեցինք բացատում, իսկ իբրև նախազգուշական միջոց կտրատեցինք փշոտ ճյուղեր և մեր կայանը ցակապատեցինք տասնհինգ յարդ տրամագծով։ Առաջին շրջանում այդ կայանը պետք է ծառայեր մեզ իբրև գլխավոր հավաքատեղի, ապաստարան, անակնկալ հարձակման դեպքում և մեր ամբողջ ունեցվածքի պահեստ։ Ճամբարն ստացավ «Չելենջերի ամրոց» անունը։ | ||
+ | |||
+ | Միայն կեսօրին բացատում տեղավորվեցինք ― վերջացրինք, բայց շոգն այնքան էլ չէր տանջում մեզ։ Ընդհանրապես սարահարթում ջերմաստիճանը և բուսականության բնույթը ավելի մոտ էին բարեխառն, քան արևադարձային գոտուն։ Բացատն օղակաձև շրջափակող ծառերի մեջ կային հաճարենի, կաղնի և մինչև իսկ կեչի։ Վիթխարի մի գինգհո, որն իշխում էր իր բոլոր հարևանների վրա, հզոր ճյուղերով ու հովհարաձև տերևներով ստվերի տակ էր առել մեր ամրոցը։ Հենց նրա ստվերում էլ շարունակեցինք մեր զրույցը՝ խոսքը տալով լորդ Ջոնին, որը մեզ համար վճռական այդ ժամերին արշավախմբի ղեկավարությունն իր վրա էր վերցրել։ | ||
+ | |||
+ | ― Քանի դեռ որևէ կենդանի արարած, մարդ կամ գազան, միևնույն է, մեզ չի տեսել, մենք անվտանգ ենք, ― ասաց նա։ ― Սակայն հերիք է նրանք իմանան մեր հայտնվելը սարահարթում, և մեր խաղաղ կյանքը վերջացած է։ Առայժմ կարծես թե մենք ոչ մի կասկած չենք հարուցում։ Ուստի, առաջին շրջանում անհրաժեշտ է թաքնվել և հետախուզությունը վարել խիստ զգույշ։ Չի խանգարի կամաց֊կամաց աչք ածել հարեևաններին՝ նախքան այցելություններ սկսելը։ | ||
+ | |||
+ | ― Բայց ախր անհրաժեշտ է, որ առաջ գնանք, ― անվստահորեն ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Սիրելի երիտասարդ, դուք միանգամայն իրավացի եք։ Մենք առաջ կգնանք առողջ բանականության թույլ տված սահմաններում։ Խորհուրդ չեմ տա շատ հեռանալ, հարկավոր է այնքան գնալ, որպեսզի ամեն րոպե հնարավոր լինի այստեղ, մեր ամրոցը վերադառնալ։ Եվ, որ ամենակարևորն է, ոչ մի կրակոց, բացի միայն այն դեպքերից, երբ դրանից կախված կլինի մեր կյանքը։ | ||
+ | |||
+ | ― Սակայն դուք երեկ կրակեցիք, ― ասաց Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Դե, գիտեք, ես ընտրություն կատարելու հնարավորություն չունեի։ Բացի դրանից, հազիվ թե այդ ձայնը շատ էլ խորքերը թափանցած լինի․ երեկ սարահարթի կողմից ուժեղ քամի էր փչում։ Ի դեպ, ինչպե՞ս անվանենք սարահարթը։ Եկեք որոշենք։ | ||
+ | |||
+ | Մի քանի ավել կամ պակաս հաջող առաջարկություններ մտցվեցին, բայց վերջին խոսքը մնաց Չելենջերին։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ երկար մտածելու հարկ չկա, ― ասաց նա։ Սարահարթը կկոչվի այն պիոների անունով, որը հայտնաբերել է այն՝ Մեպլ֊Ուայտի Երկիր։ | ||
+ | |||
+ | Սարահարթն այդպես էլ անվանեցինք, այդ անունով էլ նա մտցված է քարտեզի մեջ, որի կազմելը հանձնարարված է ինձ․ հուսով եմ, որ այդ անունով էլ այն կմտնի ապագա ատլասների մեջ։ | ||
+ | |||
+ | Մեր առաջ կանգնած էր մի անհետաձգելի խնդիր՝ խաղաղ ճանապարհով թափանցել Մեպլ֊Ուայտի Երկիրը։ Մենք մեր սեփական աչքերով արդեն համոզվել էինք, որ այնտեղ ինչ֊որ տարօրինակ արարածներ են ապրում, իսկ Մեպլ֊Ուայտի մատիտանկարները խոստանում էին հրեշների առկայությունը։ Վերջապես, մենք բոլոր հիմքերն ունեինք մտածելու, որ սարահարթում կային նաև մարդիկ, որոնց վայրագության մասին խոսում էր ներքևում ընկած կմախքը։ | ||
+ | |||
+ | Մենք գիտեինք, որ վտանգները հետապնդում են մեզ ամեն քայլափոխում և, փրկության հույս չունենալով, որոշեցինք ձեռք առնել նախազգուշական այն բոլոր միջողները, որ լորդ Ջոնին թելադրում էր իր փորձը։ Բայց մի՞թե կարող էինք երկար մնալ այդ խորհրդավոր աշխարհի նախաշեմին, երբ մեզ տանջում էր որքան կարելի է շուտ նրա բուն սիրտը թափանցելու ցանկությունը։ | ||
+ | |||
+ | Եվ այսպես, մենք ճամբարի մուտքը փակեցինք ճյուղերով և, բոլոր մեր պաշարները թողնելով փշոտ ցանկապատի պաշտպանության տակ, դանդաղ, մեծագույն զգուշությամբ շարժվեցինք դեպի Անհայտը մի փոքրիկ առվակի երկարությամբ, որն սկիզբ էր առնում բացատի աղբյուրից և պետք է ծառայեր մեզ իբրև վերադարձի ուղեցույց։ | ||
+ | |||
+ | Դեռ ինչպես հարկն է չէինք հեռացել ճամբարից, երբ մեկեն դեմ առանք սպասվող հրաշքների առաջին նշաններին։ Խիտ անտառում շատ ծառեր կային, որոնք բոլորովին անծանոթ էին ինձ, բայց մեր բուսաբան Սամերլին գտավ այստեղ ցիկադեյներ և մի քանի տեսակ փշատերևներ, որոնք վաղուց չքացել են երկրի երեսից։ Մի քանի յարդ անցնելով՝ հասանք մի տեղ, ուր առվակը բավական ընդարձակ լճակ էր կազմում։ Լճակի ափերը ծածկված էին բարձր եղեգով, որը պրոֆեսոր Սամերլին դասեց ձիաձետների կարգը․ հենց այդտեղ էլ քամուց օրորվում էին ծառանման ձարխոտերի կատարները։ Լորդ Ջոնը, որ գնում էր առջևից, հանկարծ կանգ առավ ու ձեռքը բարձրացրեց վեր։ | ||
+ | |||
+ | ― Տեսե՛ք, ― ասաց նա։ ― Այ քեզ հե՜տք։ Այստեղից հավանորեն անցել է բոլոր թռչունների նախահայրը։ | ||
+ | |||
+ | Կպչուն տիղմի վրա պարզ նկատելի էին հսկայական եռամատ հետքեր, որոնք ճահճից տանում էին դեպի անտառ։ Կանգ առանք այդ հրեշավոր հետքերի մոտ։ Եթե իրոք այստեղից թռչուն էր անցել, ― ուրիշ ի՞նչ կենդանի կարող էր այդպիսի հետքեր թողնել, ― ապա նրա ճանկն այնքան մեծ է ջայլամի ճանկից, որ նույնիսկ դժվար է պատկերացնել այդ հսկայի չափերը։ Լորդ Ջոնն ուշադիր աչք ածեց չորս կողմը և երկու փամփուշտ դրեց իր խոշոր տրամաչափի հրացանի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ որոսորդի պատվով, ― ասաց նա, ― որ հետքերը բոլորովին թարմ են։ Այդ արարածն այստեղից անցել է մի տասը րոպե առաջ։ Տեսնո՞ւմ եք, ջուրը դեռ չի լցվել ահա այն փոսը, որտեղ ճանկն ավելի խորն է թաղվել տիղմի մեջ։ Տե՜ր իմ աստված․․․ Ահա՛ և ձագի հետքերը։ | ||
+ | |||
+ | Եվ իրոք, խոշոր հետքերին զուգահեռ գնում էին նույնպիսի, բայց ավելի մանր հետքեր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կասեք այս մասին, ― հաղթականորեն բացականչեց պրոֆեսոր Սամերլին՝ ցույց տալով մի հետք, որը նման էր մարդկային ձեռքի հետքին։ | ||
+ | |||
+ | ― Վելդ,<ref>Վելդ ― կավճային շրջանի ստորին բաժինը, որը միացնում է այս ժամանակը քաղցրաջուր ավազաններում, գետերում ու լճերում նստած ապարների շերտոերը։</ref> ― գոչեց Չելենջերը, ուրախությունից գլուխը կորցնելով։ ― Այդպիդի դրոշմավածքներ ես տեսել եմ վելդյան շերտերում։ Այդ արարածը շարժվում է ետևի, եռամատ վերջավորություններով, ամբողջ հասակով վեր ձգված, իսկ առջևի հնգամատ ոտքերով օգնում է իրեն քայլելիս։ Ո՛չ, թանկագին Ռոքստոն, սա բոլորովին էլ թռչուն չէ։ | ||
+ | |||
+ | ― Գազա՞ն է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, սողուն է, դինոզավր։<ref>Դինոզավր (զարհուրելի թեփամորթ) ― ներկայացուցիչը վիթխարի ցամաքային թեփամորթների մեռած ընդարձակ խմբի, թեփամորթներ, որոնց մեջ կային գիշատիչ ու խոտակեր, քառաոտ ու ետևի ոտքերի վրա վազող, զրահավոր ու եղջույրավոր տեսակներ։ Խոտակեր դինոզավրերը մինչև երեսուն մետր երկարություն և վաթսուն տոննա ծանրություն ունեին։ Ապրել են մեզոզոյան շրջանում։</ref> Այդ նա է որ կա, ուրիշ ոչ ոք։ Իննսուն տարի առաջ այսպիսի հետքերը մոլորության մատնեցին սասեքսի մի հույժ հայտնի գիտնականի։ Բայց ո՜վ կարող էր երազել․․․ ո՛վ կարող էր երազել․․․ որ մեզ կվիճակվի տեսնել․․․ | ||
+ | |||
+ | Վերջին խոսքերը Չելենջերն ասաց շշուկով, իսկ մենք զարմանքից քար կտրեցինք։ Հետքերը մեզ ճահճից տարան դեպի խիտ մացառուտները, որոնց ետևում, ծառերի միջև մի մեծ բացատ կար, և այդ բացատում զբոսնում էին հինգ արտառոց արարածներ, որոնց նմանը ես երբեք չէի տեսել։ Մենք թաքնվեցինք թփերի ետևում և երկա՜ր֊երկար դիտում էինք նրանց։ | ||
+ | |||
+ | Ինչպես արդեն ասացի, նրանք զբոսնում էին հինգով՝ երկու տարեց և երեք ձագ։ Նրանց չափերը մեզ ապշեցրին։ Նույնիսկ փոքրիկները փղի չափ էին, իսկ մեծերի մասին խոսելն էլ ավելորդ է։ Թեփամորթների նման սրանց կաշին էլ թեփուկավոր էր և փայլում էր արևի տակ սև թերթաքարային փողփողումներով։ Հինգն էլ կանգնել էին ետևի թաթերի վրա՝ հենվելով լայն, հաստ պոչերին, իսկ առջևի հնգամատ թաթերով կռացնում էին կանաչ ճյուղերը և տերևները կլանում նրանց վրայից։ Որպեսզի դուք լրիվ պատկերացում ունենաք այդ հրեշների մասին, կասեմ, որ նրանք հիշեցնում էին քսան ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի կենգուրուների, ծածկված սև կոկորդիլոսային մաշկով։ | ||
+ | |||
+ | Չգիտեմ, թե որքան ժամանակ մենք կախարդվածի նման կանգնած մնացինք այնտեղ՝ դիտելով այդ անսովոր տեսարանը։ Ուժեղ քամին փչում էր մեր կողմը, թփերը ծառայում էին իբրև լավ թաքստոց, ուստի կարելի էր չվախենալ, թե հրեշները կնկատեն մեզ։ Ժամանակ առ ժամանակ ձագերը անճոռնի խայտալով, վեր֊վեր էին թռչում և խուլ շրմփոցով ընկնում գետնին։ Ըստ երևույթին, նրանց ծնողները չլսված ուժի տեր էին, որովհետև նրանցից մեկը, չհասնելով մի բավական բարձր ծառի կատարի տերևներին, առջևի թաթերով գրկեց ծառը և բունը երկու կես արավ, ինչպես մի բարակ ճյուղ։ Դա միաժամանակ վկայում էր երկու բանի՝ խիստ զարգացած մկանունքների և անզարգացած ուղեղի մասին, քանի որ ծառը տապալվեց ուղղակի հրեշի գլխին, և նա սկսեց բարձր մռնչյուններ արձակել։ Վիթխարի չափերն ակնհայտորեն չէին համապատասխանում բնությունից նրան շնորհված դիմացկունության աստիճանին։ Ծառի հետ պատահած դեպքը, ըստ երևույթին, ստիպեց նրան զգուշանալ, որովհետև նա դանդաղ քարշ եկավ դեպի անտառ իր զույգի և երեք հսկա ձագերի ուղեկցությամբ։ Որոշ ժամանակ մենք տեսնում էինք, թե ինչպես նրանց սև թերթաքարային մեջքները փայլում էին թավուտում, իսկ գլուխները մեկ անհետանում էին թփերի մեջ, մեկ վեր բարձրանում։ Հետո նրանք կորան ծառերի միջև։ | ||
+ | |||
+ | Ես նայեցի իմ ընկերներին։ Լորդ Ջոնը կանգնել էր՝ մատը ձգանին պահած, նրա աչքերը վառվում էին որսորդական ազարտով։ Ինչ ասես, որ նա չէր տա, միայն թե այդպիսի մի գլուխ կախ տար իր տանը, բուխարու վերևից, երկու խաչաձևված թիակների կողքին։ Բայց և այնպես խոհեմությունը հաղթեց, որովհետև նա գիտեր, որ մենք միայն այն դեպքում կկարողանանք թափանցել այդ անստույգ երկրի գաղտնիքների մեջ, երբ նրա բնակիչները չեն էլ կասկածի, մեր գոյության մասին։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսորներն ուրախությունից ասես համրացել էին։ Մոռանալով աշխարհում ամեն ինչ՝ նրանք անգիտակցաբար բռնել էին իրար ձեռք և այդպես էլ քարացել տեղներում, ինչպես երկու փոքրիկ տղաներ, որոնք անխոս աչքերը չռում են ինչ֊որ հրաշքների հրաշքի վրա։ Չելենջերի շրթունքներին մի հրեշտակային ժպիտ էր խաղում, որից նրա այտերը խնձորների պես դուրս էին ընկել։ Սամերլիի դեմքից մաղձոտ ծամածռությունը չքացել էր՝ իր տեղը զիջելով երկյուղած հիացմունքի արտահայտության։ | ||
+ | |||
+ | ― Nunc dimittis, ― վերջապես ձայնեց նա։ ― Ի՞նչ կասեն այս մասին Անգլիայում։ | ||
+ | |||
+ | ― Իմ թանկագին Սամերլի, իբրև գաղտիք կարող եմ հայտնել ձեզ, թե ինչ կասեն Անգլիայում, ― պատասխանեց Չելենջերը։ ― Այնտեղ կասեն, որ դուք գիտության հետ ոչ մի առնչություն չունեցող հանրահռչակ ստախոս եք և շառլատան։ Նույն բանը, ինչ֊որ դուք և ձեր նմաններն ասում էիք իմ մասին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե մենք լուսանկարներ ներկայացնե՞նք։ | ||
+ | |||
+ | ― Կեղծիք է, Սամերլի, կոպիտ կեղծիք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե ներկայացնենք իրեղեն ապացույցնե՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ա֊ա՜․․․ Ահա այն ժամանակ նրանք չեն կարող գլուխ փախցնել։ Դեռ Մելոունը և Ֆլիտ֊ստրիտի նրա ավազակախումբը մեզ գովք էլ կկարդան։ Հիշեցեք, օգոստոսի քսանութին մենք Մեպլ֊Ուայտի Երկրում տեսանք հինգ կենդանի իգուանոդոն։<ref>Իգուանոդոն ― դինոզավրի տեսակներից մեկը։ Իգուանոդոնները շարժվում էին ետևի եռամատ վերջավորություններով, որոնք իրենց կառուցվածքով նման են թռչունների ոտքերին։ Ապրել են գետերի ափերին, սնվել բույսերով։</ref> Իմ պատանի բարեկամ, համապատասխան նշում կատարեցեք ձեր գրքույկում և այդ մասին հայտնեցեք ձեր ողորմելի թերթուկին։ | ||
+ | |||
+ | ― Եվ պատրաստվեցեք խմբագրի կողմից դուրս շպրտվելու, ― ավելացրեց լորդ Ջոնը։ ― Այն լայնություններում, ուր ընկած է Լոնդոնը, ամեն ինչ մի փոքր այլ կերպ է երևում, թանկագին իմ երիտասարդ։ Մի՞թե քիչ կան մարդիկ, որոնք երբեք իրենց արկածների մասին չեն պատմում՝ վախենալով, որ մարդիկ նրանց չեն հավատա։ Ո՞վ կարող է դրա համար մեղադրել նրանց։ Կանցնի մեկ֊երկու ամիս, և մեզ էլ այս ամենը երազ կթվա։ Ինչպես անվանեցիք այդ հրեշների՞ն։ | ||
+ | |||
+ | ― Իգուանոդոն, ― ասաց Սամերլին։ ― Նրանց ոտնահետքերի դրոշմվածքները գտնվել են Հաստինգսի<ref>Հաստինգս ― վայր Անգլիայում, որը պատմության մեջ նշանավոր է նորմանների դեմ անգլիացիների մղած մեծ ճակատամարտով՝ Վիլհելմ նվաճողի կողմից Անգլիայի նվաճման ժամանակ։ Այնտեղ տարածվում են կավճային շրջանի ավազաքարեր՝ դինոզավրերի ոտնահետքերի դրոշմվածքներով։</ref> ավազաքարերում, Քենտում, Սասեքսում։ Նրանք մեծ հոտով ապրել են հարավային Անգլիայում, մինչև որ այստեղ զգացվել է խոտի պակասություն, որով նրանք սնվում են։ Իսկ հետո պայմանները փոխվել են, և այդ գազանները քիչ֊քիչ մեռել են։ Ըստ երևույթին, այստեղ ամեն ինչ մնացել է, ինչպես կար, որովհետև իգուանոդոնները շարունակում են ապրել մինչև այժմ։ | ||
+ | |||
+ | ― Եթե մենք երբևէ կենդանի դուրս պրծնենք այստեղից, ես առանց այդպիսի իգուանոդոնի գլխի տուն չեմ դառնա, ― ասաց լորդ Ջոնը։ ― Սպասեցե՛ք, աֆրիկական որսորդիկներ, դուք դեռ նախանձից կանաչ կկտրեք իմ առաջ։ Սակայն, բարեկամներ, չգիտեմ դուք ինչպես, իսկ ինձ շարունակ թվում է, թե մենք ուր որ է դեմ ենք առնելու ինչ֊որ լուրջ տհաճության։ | ||
+ | |||
+ | Ահեղ գաղտնիքի նույն զգացումն ունեի նաև ես։ Անտառի խավարում թաքնված էին սարսափներ, և սիրտս ակամայից սեղմվում էր վախից, երբ մենք ուշադիր դիտում էինք այդ խիտ, կանաչ թավուտը։ Ճիշտ է, հսկա իգուանոդոնները բոլորովին անմեղ էին և մի առանձին վնաս չէին կարող պատճառել մեզ, բայց ի՞նչ իմանաս, թե հրաշքների այդ աշխարհում չե՞ն պահպանվել ուրիշ հսկաներ, որոնք այժմ, ապառաժների ու թփուտների մեջ ընկած իրենց որջերում դարանամուտ, միայն հարմար րոպեի են սպասում, որպեսզի նետվեն մեզ վրա։ Ես խիստ աղոտ պատկերացում ունեմ մինչպատմական կյանքի մասին, բայց հիշում եմ, որ մի անգամ ձեռքս ընկավ մի գիրք, ուր խոսվում էր այնպիսի գազանների մասին, որոնց համար մեր առյուծներն ու վագրերը նույնքան հեշտ որս էին, որքան մուկը կատվի համար։ Իսկ ինչ, եթե այդպիսի հրեշներ ապրում են նաև Մեպլ֊Ուայտի Երկրի թավ անտառներում․․․ | ||
+ | |||
+ | Այդ առավոտ, ― մեր առաջին առավոտը անծանոթ երկրում, ― մենք համոզվեցինք, որ այստեղ վտանգները հետամուտ են մեզ ամեն քայլափոխում։ Այդ արկածը պարզապես զզվելի էր, և ինձ համար նույնիսկ տհաճ է դրա մասին խոսելը։ Եթե լորդ Ջոնն իրավացի է, և այն բացատը, ուր արածում էին իգուանոդոնները, մենք կհիշենք իբրև երազ, ապա պտերոդակտիլներով լի ճահիճը կմնա մեր հիշողության մեջ իբրև տանջալից մղձավանջ։ Հիմա կպատմեմ, թե այդ բոլորն ինչպես եղավ։ | ||
+ | |||
+ | Մենք քայլում էինք անտառով խիստ դանդաղ, մասամբ այն պատճառով, որ լորդ Ջոնն իբրև հետախույզ թույլ չէր տալիս հավասարվել իրեն, մասամբ երկու պրոֆեսորների պատճառով, որոնք մի գլուխ ցնծում էին որևէ անծանոթ ծաղկի տեսակ կամ միջատ տեսնելիս։ Երեք֊չորս մղոնից հետո ավելի աջ ափի ծառերը նոսրացան, և մեր առաջ բացվեց ևս մի բացատ։ Թփերի խիտ եզրագծի ետևից դուրս էին ցցվել գլաժայռերը, որոնք այստեղ, սարահարթում, պատահում են ամենուրեք։ Դանդաղ առաջ էինք գնում թփերի միջից, որոնք հասնում էին մինչև մեր գոտկատեղերը, երբ հանկարծ բոլորովին մոտիկից լսեցինք ձայներ՝ ոչ այն է կռնչոց, ոչ այն է շչյուն, որոնք ձուլվում էին մի անորոշ բվվոցի մեջ, որից ոդը դողում էր։ Լորդ Ջոնը մեզ կանգ առնելու նշան տվեց և, կուզեկուզ վազելով, նետվեց դեպի գլաժայռերը։ Նա նայեց նրանց վերևից, ցնցվեց և, հավանորեն մոռանալով մեր գոյության մասին, երկար կանգնել էր՝ կլանված իր առջև բացվող տեսարանից։ Վերջապես նա ձեռքով արեց մեզ՝ նշանացի հասկացնելով, որ անհրաժեշտ է զգուշություն պահպանել։ Ես նրա տեսքից հասկացա, որ գլաժայռերի ետևում թաքնված է ինչ֊որ հրաշք, գուցե և մի լուրջ վտանգ։ | ||
+ | |||
+ | Սողալով հասանք լորդ Ջոնին և նայեցինք ցած։ Մեր առաջ երախը բացել էր մի խոր փոսորակ, հավանորեն մեկը այն ոչ մեծ խառնարաններից, որոնցից շատ կա սարահարթում։ Այդ փոսորակի հատակին, մեզանից մի հարյուր յարդի վրա, եղեգների ետևից փայլփլում էին խոտերով ծածկված ջրափոսերը։ Տեղն ինքնին մռայլ էր, բայց, դիտելով նրա բնակիչներին, ես ակամայից հիշեցի Դանթեի «Դժոխք»֊ի յոթերորդ պարունակի տեսարանները։<ref>Դանթե Ալիգիերի (1265-1321) ― իտալական վերածնության շրջանի մեծ բանաստեղծ, հեղինակ «Աստվածային կատակերգության», որը բաժանվում է երեք մասի․ «Դժոխք», «Քավարան» և «Դրախտ», համաձայն բանաստեղծի երևակայական ճանապարհորդության էտապների երեք «անդրշիրիմյան աշխարհներում»։</ref> Այնտեղ բուն էին դրել պտերոդակտիլները՝ հարյուրավոր ու հարյուրավոր պտերոդակտիլներ։ Նրանք վխտում էին փոսորակում՝ ձագերը սողում էին ջրի մոտ, իսկ նրանց նողկալի մայրերը նստել էին դեղնավուն ամրակեղև ձվերի վրա։ Զզվելի թեփուկավորների այդ ամբողջ շարժվող, թևերը թփթփացնող զանգվածը թնդացնում էր օդը և այնպիսի գարշահոտություն տարածում շուրջը, որ սիրտներս դեմ առավ կոկորդներիս։ Իսկ ավելի բարձր, յուրաքանչյուրն իր քարին, բազմել էին վիթխարի, գորշ արուները, որոնք նման էին չորացրած խրտվիլակների․ նրանք բազմել էին բոլորովին անշարժ, ասես մեռած լինեին, և միայն արնակալած աչքերն էին հածում չորս կողմ ու երբեմն֊երբեմն կտուցները կափկափում թռչող ճպուռների ետևից։ Նրանց հսկայական թաղանթաթևերը, որոնք ծալված էին նախաբազկից, սեղմված էին կողքերին, դրանց վերևում ցցվել էին գիշատիչ թռչնային գլուխները, որից նրանք իմ աչքում ինչ֊որ մարդկային կերպարանք առան․ պտերոդակտիլները հիշեցնում էին սարդոստայնե զզվելի շալերում փաթաթված պառավների։ Հաշվելով թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, փոսորակում կար ոչ պակաս հազար հատ այդ գարշելի արարածներից։ | ||
+ | |||
+ | Մեր երկու պրոֆեսորն էլ այնքան ուրախացան մինչպատմական աշխարհի կյանքը մոտիկից ուսումնասիրելու հնարավորության համար, որ հաճույքով ողջ օրը կնստեին այդտեղ։ Նրանք մեզ ցույց տվին մի սատկած ձուկ և շատ թռչուններ, որոնք ընկած էին քարերի միջև և, հավանորեն, ծառայում էին պտերոդակտիլներին իբրև սնունդ, ու շնորհավորում էին իրար, որ, վերջապես, պարզություն կմտցնեն, թե ինչու այդ թռչող թեփամորթների ոսկորներն այդքան շատ են պատահում մի շարք վայրերում, օրինակ՝ Քեմբրիջի ավազաքարերում։ Այժմ արդեն կասկածից վեր է, ասում էին նրանք, որ պտերոդակտիլները ևս, պինգվինների նման, ապրել են երամներով։ | ||
+ | |||
+ | Վերջ ի վերջո, կամենալով իր կոլեգային ինչ֊որ թեզիս ապացուցել, Չելենջերը գլուխը դուրս հանեց քարերի արանքից և քիչ մնաց բոլորիս կործանման պատճառը դառնար։ Մեզ ամենից մոտիկ գտնվող արուն հանկարծ սուր ֆշշացրեց, թափահարեց քսան ոտնաչափանոց թաղանթավոր թևերը և բարձրացավ օդ։ Մայրերը ձագերի հետ խռնվեցին իրար գլխի ջրի մոտ, իսկ հսկիչներն իրար ետևից երկինք սլացան։ Զարմանալի տեսարան էին ներկայացնում իրենցից այդ գարշելի արարածները, որոնք հարյուրներով սավառնում էին մեր գլխավերևում, ծիծեռնակների նման թևերով արագ ճեղքելով օդը։ Սակայն շուտով մենք հասկացանք, որ այդ տեսարանով հիանալը լավ չի վերջանա։ Սկզբում պտերոդակտիլները պտտվում էին բարձրում, երևի ստուգելով, թե վտանգն ինչքանով է մեծ։ Հետո, աստիճանաբար շրջանը սեղմելով, սկսեցին ավելի ու ավելի ցած իջնել, և, վերջապես, նրանց սև թերթաքարային թևերի չոր խշշոցն այնպիսի ուժգնության հասավ, որ ես ակամայից հիշեցի Հենդոնի օդանավակայանը մրցումների օրերին։ | ||
+ | |||
+ | ― Վտա՜նգ, ― բղավեց լորդ Ջոնը՝ բռնելով հրացանի փողից։ ― Վազեք ուղիղ դեպի անտառը և միասին եղեք։ | ||
+ | |||
+ | Բայց օղակն արդեն փակվեց մեր շուրջը։ պտերոդակտիլները համարյա թևերով հարվածում էին մեր դեմքերին։ Մենք խփում էինք նրանց խզակոթերով, բայց հարվածները դիպչում էին ինչ֊որ փափուկ բանի և ոչ մի վնաս չէին պատճառում նրանց։ Եվ հանկարծ այդ սև, փայլուն օղակից դուրս պրծավ մի երկար վիզ, վայրագ կտուցը նշան բռնեց ուղիղ մեզ վրա։ Նրան հետևեց մեկ ուրիշը, ապա էլի մեկը։ Սամերլին ճչաց ու ձեռքերով ծածկեց արյունաշախ դեմքը։ Ես մի ուժեղ հարված զգացի ծոծրակիս և քիչ մնաց ցավից գիտակցությունս կորցնեի։ Չելենջերն ընկավ, ես կռացա նրան օգնելու և ետևից ստացած մի նոր հարվածից տապալվեցի նրա վրա։ Այդ նույն րոպեին լորդ Ջոնը կրակեց։ Գլուխս վեր բարձրացրի ու տեսա, որ պտերոդակտիլներից մեկը ջարդված թևերով թպրտում էր գետնի վրա՝ բացված կտուցից թուք շաղ տալով, և դուրս պրծած, արնակոխ աչքերը կատաղորեն հածում է չորս կողմը՝ իսկական դև միջնադարյան որևէ նկարչի կտավից։ Նրա ընկերները, վախեցած կրակոցի ձայնից, վեր խոյացան և սկսեցին պտտվել մեր գլխավերևում։ | ||
+ | |||
+ | ― Հիմա փրկվեցե՛ք, ― ձայն տվեց լորդ Ջոնը։ | ||
+ | |||
+ | Մենք վազեցինք ուղիղ դեպի թփուտները, բայց անտառի եզրին հարպիաները նորից հասան մեզ։ Սամերլին վայր ընկավ նրանց հարվածից, մենք ոտքի հանեցինք նրան և նետվեցինք ծառերի տակ։ Անտառում վտանգն անցավ, որովհետև պտերոդակտիլներն իրենց հսկայական թևերը չէին կարող շարժել ճյուղերի միջև։ | ||
+ | |||
+ | Ճամբար վերադարձանք բավական ողորմելի վիճակում, իսկ նրանք դեռ երկար ուղեկցում էին մեզ՝ կապույտ երկնքում օղակներ գծելով այնպիսի բարձրության վրա, որ ներքևից կարելի էր նրանց ամենասովորական աղավնիների տեղ ընդունել։ Հետապնդումը դադարեց միայն այն ժամանակ, երբ անտառի թավուտը թաքցրեց մեզ, և այլևս պտերոդակտիլները չերևացին։ | ||
+ | |||
+ | ― Արտասովոր կերպով հետաքրքրական և ուսանելի պատահար, ― ասաց Չելենջերը՝ ուռած ծունկը լվանալով առվակում։ ― Սամերլի, հիմա մենք հիանալի գիտենք, թե կատաղած պտերոդակտիլներն իրենց ինչպես են պահում։ | ||
+ | |||
+ | Այդ ժամանակ Սամերլին սրբում էր ճակատի ճանկռվածքից հոսող արյունը, իսկ ես կապում էի ծոծրակիս բավական խոր վերքը։ Լորդ Ջոնը մեզանից թեթև էր պրծել․ հրեշը միայն ճանկռել էր նրա ուսը և շապիկը պատռել։ | ||
+ | |||
+ | ― Անհրաժեշտ է նշել, ― շարունակեց Չելենջերը, ― որ մեր պատանի բարեկամն ստացել է ծեծված վերք, իսկ լորդ Ջոնի շապիկից այդպիսի մի կտոր պոկել կարելի է միայն ատամներով։ Իմ գլխին նրանք թևերով էին զարկում։ Այսպիսով, մենք ծանոթացանք պտերոդակտիլների հարձակման զանազանակերպ մեթոդների հետ։ | ||
+ | |||
+ | ― Մի փոքր էլ, և մեր բանը բարդ էր, ― լուրջ տոնով խոսեց լորդ Ջոնը։ ― Ավելի նողկալի մահ դժվար է պատկերացնել՝ զոհ գնալ այդ գարշելի արարածներին։ Ես բոլորովին չէի ուզում կրակել, բայց ելք չկար։ | ||
+ | |||
+ | ― Մենք այժմ այս առվի ափին նստած չէինք լինի, եթե դուք չկրակեիք, ― համոզված նկատեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Հուսանք, որ իմ կրակոցը գործին չի վնասի, ― ասաց լորդ Ջոնը։ ― Այստեղի անտառներում, հավանորեն, հաճախ ոչ պակաս ուժեղ ձայներ են լսվում, մերթ մի ճյուղ է կոտրվում, մերթ ամբողջ ծառ է ցած տապալվում։ Սակայն այսօր այսքան ուժեղ ապրումները բավական են։ Ավելի լավ է վերադառնանք ճամբար, մեր դեղարկղում կարբոլ փնտրենք։ Ով գիտե այդ գարշելի արարածներին, միգուցե նրանց խայթվածքները թունավոր են։ | ||
+ | |||
+ | Բայց հազիվ թե աշխարհի գոյության սկզբից մարդու գլխին մի օրում այնքան փորձանքներ եկած լինեին, որքան մեր գլխին եկան։ Մեզ մի նոր աղետ էր սպասում։ Առվակի ափով հասանք բացատ և տեսնելով մեր ամրոցը շրջափակող փշփշոտ ցանկապատը, մտածեցինք, որ այս անգամ մեր փորձությունները վերջացան։ Սակայն մեզ հանգստանալ չէր վիճակված։ Առաջվա պես Չելենջերի ամրոցի մուտքը փակ էր, ցանկապատն անվթար, բայց և այնպես իսկույն հասկացանք, որ մեր բացակայության ժամանակ ինչ֊որ մեկը եղել է այստեղ։ Անկոչ հյուրը գետնի վրա ոչ մի հետք չէր թողել, և միայն ճամբարի վրա կախված հինգհո ծառի հսկա ճյուղն էր մատնում, թե նա ինչ ճանապարհով էր եկել։ Իսկ ինչ վերաբերում է նրա ուժին և հանդգնությանը, ապա այդ մասին պարզ խոսում էր մեր պահեստի վիճակը։ Բոլոր իրերը ցիրուցան էին արված բացատով մեկ, մսի մի թիթեղատուփ ճզմված էր՝ հավանորեն, այդ ձևով նա կամեցել էր դատարկել նրա պարունակությունը։ Փամփշտարկղից միայն տաշեղներ էին մնացել, իսկ նրա մոտ ընկած էր տափակած մի պարկուճ։ Անորոշ վախը նորից սեղմեց սրտներս, և մենք սկսեցինք երկյուղով զննել ծառերի տակ նստած թանձր ստվերները՝ սպասելով, թե ահա ուր որ է այնտեղից ինչ֊որ հրեշավոր արարած կհայտնվի։ | ||
+ | |||
+ | Ինչպիսի՜ թեթևություն զգացինք, երբ այդ րոպեին լսեցինք Սամբոյի ձայնը և, մոտենալով սարահարթի եզրին, ժայռի գագաթին տեսանք նրա ծիծաղկոտ դեմքը։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բան լա՜վ, միստր Չելենջեր։ Ամեն բան լա՜վ, ― բղավեց նա։ ― Սամբոն էստեղ, մի վախենա։ Երբ կանչես Սամբո, նա միշտ այստեղ լինի։ | ||
+ | |||
+ | Տեսնելով մեր ազնիվ նեգրին և անսահման հարթավայրը, որը տարածվում էր համարյա մինչև Ամազոնի վտակները, մենք հիշեցինք, որ այնուամենայնիվ դա քսաներորդ դարն է, որ մենք ապրում ենք Երկրում և ոչ թե նախնադարյան քաոսով լի ինչ֊որ մոլորոկի վրա, որտեղ ընկել ենք կախարդական ուժով։ Բայց որքա՜ն դժվար էր պատկերացնել, որ հորիզոնի մանուշակագույն գծի ետևում անմիջապես ընկած է մեծ գետը, որով նավարկում են մեծ֊մեծ շոգենավեր, որ մարդիկ այնտեղ զրուցում են իրենց կենցաղային մանր֊մունր գործերի մասին, այն ժամանակ, երբ մենք, նետված նախնադարյան այս աշխարհը, նախնադարյան արարածների մոտ, կարող ենք միայն նայել այն կողմը և թախծել մեզ համար այնքան ուրախություններով լի կայնքի մասին։ | ||
+ | |||
+ | Ես մի հիշողություն ևս ունեմ՝ կապված այդ արտասովոր օրվա հետ, որով և կավարտեմ իմ նամակը։ Ստացած վերքերն ակներևաբար ներգործել էին պրոֆեսորների ջղերի վրա․ նրանք տաք վիճաբանություն էին սկսել, թե մեր թշնամիները մինչպատմական թեփամորթների ո՛ր տեսակին են պատկանում՝ պտերոդակտիլների՞, թե դիմորֆոդոնների։ Բանը հասավ մինչև կծու խոսքեր փոխանակելը։ Որպեսզի նրանց վեճը չլսեմ, քաշվեցի մի կողմ և, նստելով ընկած ծառի բնին, սկսեցի ծխամորճ ծխել։ Մի քանի րոպեից հետո առջևս ցցվեց լորդ Ջոնի կերպարանքը։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք, Մելոուն, ― ասաց նա, ― լավ հիշո՞ւմ եք այն տեղը, ուր այդ արարածները բույն էին դրել։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, հիշում եմ։ | ||
+ | |||
+ | ― Հրաբխային խառնարանի նման մի բան էր, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ուշադրություն դարձրի՞ք, թե գետինն ինչպիսին էր։ | ||
+ | |||
+ | ― Միայն քարեր ու գլաժայռեր։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ջրի մոտ, ուր եղեգն էր աճում։ | ||
+ | |||
+ | ― Կավի նման ինչ֊որ կապտավուն բան։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդ է որ կա․․․ Հրաբխային խառնարան և կապույտ կավ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կա, ― հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Դե ոչինչ, ես հենց այնպես, ― պատասխանեց լորդ Ջոնը և անշտապ քայլերով գնաց դեպի այն կողմը, որտեղից դեռևս լսվում էին մեր գիտնական վիճաբանողների ձայները՝ Սամերլիի լարված, սուր տենորը և Չելենջերի աղմկալի բասը։ | ||
+ | |||
+ | Հավանորեն մոռանայի լորդ Ջոնի խոսքերը, բայց այդ գիշեր ես մի անգամ ևս լսեցի դրանք։ | ||
+ | |||
+ | ― Կապույտ կավ․․․ կապույտ կավ հրաբխային խառնարանում, ― շշնջում էր նա։ | ||
+ | |||
+ | Դրանք վերջին խոսքերն էին, որոնցով ես, օրվա ընթացքում տանջահար լինելուց հետո, խոր քուն մտա։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XI Ես դառնում եմ օրվա հերոսը== | ||
+ | |||
+ | |||
+ | Լորդ Ջոն Ռոքստոնի երկյուղներն արդարացան․ մեզ վրա հարձակված հրեշների խայթոցները թունավոր էին։ Սարահարթում մեր առաջին արկածի հետևյալ օրը ես և Սամերլին սկսեցինք դողացնել ու ցավեր զգալ, իսկ Չելենջերի ծունկն այնպես ուռեց, որ նա հազիվ էր կարողանում հիվանդ ոտքի վրա հենվել։ Ուստի մենք ամբողջ օրն անցկացրինք ճամբարում աշխատելով ուժերիս ներածին չափ օգնել լորդ Ջոնին, որն զբաղված էր փշոտ ցանկապատն ամրացնելով, որը թշնամիներից մեր միակ պաշտպանության միջոցն էր։ Այսօրվա պես հիշում եմ, որ այն ժամանակ վաղ առավոտից ինձ հետապնդում էր մի տարօրինակ զգացում․ շարունակ թվում էր՝ ուշադիր հետևում են մեզ, բայց թե ով և որտեղից, ասել չէի կարող։ | ||
+ | |||
+ | Չհամբերեցի և երկյուղս հայտնեցի Չելենջերին, որն շտապեց այդ բանը վերագրել իբր թե իմ տենդագին դրությունից առաջացող մտավոր խանգարվածությանը։ Ինչևէ, բայց ես շարունակում էի աչք ածել չորս կողմս՝ պատրաստվելով ինչ֊որ բան տեսնելու, և ոչինչ չէի տեսնում, բացի ճյուղերի մութ կույտից, որոնցից բաղկացած էր մեր փշոտ ցանկապատը, և մեկ էլ վիթխարի ծառերի բները պսակող կանաչի մռայլ կամարներից։ Բայց և այնպես այն համոզմունքը, որ ինչ֊որ անբայրացակամ դիտորդ թաքնվել է մեզնից երկու քայլի վրա, ոչ միայն չէր չքանում, այլ հետզհետե ուժեղանում էր։ Հիշեցի հնդկացիների սնահավատ վախը ահեղ Կուրուպուրիից, որը թաքնվում էր խուլ անտառներում և արդեն պատրաստ էի հավատալու, որ այդ քինոտ ոգին հանգստից զրկում է այն խիզախներին, որոնք ներխուժում են նրա սրբազան օթևանի գաղտնիքների մեջ։ | ||
+ | |||
+ | Այդ գիշեր, ― երրորդ գիշերը Մեպլ֊Ուայտի Երկրում, ― մի դեպք շատ ծանր տպավորություն թողեց մեզ վրա և ստիպեց մի ավելորդ անգամ ևս շնորհակալություն հայտնելու լորդ Ջոնին, որը ջանք չէր խնայել Չելենջերի ամրոցն ամրապնդելու։ Քնել էինք հանգչող խարույկի մոտ, երբ հանկարծ մեզ արթնացրեց, ավելի ճիշտ, տառացիորեն ոտքի հանեց մի կատաղի ոռնոց ու կաղկանձյուն։ Չգիտեմ, թե ինչի հետ կարելի է համեմատել այդ ճիչերը, որոնք հնչում էին բոլորովին մոտիկից․ ես դրանցից ավելի զարհուրելի բան չեմ լսել։ Այդ ճիչերը պատառ֊պատառ էին անում օդը, նման շոքեքարշի սուլոցներին, չունենալով այդ ձայնի ո՛չ մաքրությունը, ո՛չ պարզորոշությունը։ Ականջներս փակեցինք՝ ջանալով չլսել անսահման տանջանքով ու սարսափով լի թավ, երերուն որոտները։ Մեր ջղերը չէին կարող դիմանալ այդպիսի լարվածության։ Ես ամբողջովին ծածկվեցի սառը քրտինքով, սիրտս կանգ առավ կրծքիս տակ։ Թվում էր, թե կյանքի բոլոր դառնությունները, նրա անհամար տանջանքները՝ այն ամենը, ինչում նա կարող է մեղադրել երկնքին, ձուլվել էր ի մի այդ տանջալից կանչի մեջ։ Եվ, ասես նվագակցելով զրնգուն աղաղակներին, ասես ընդգծելով դրանք, նույն տեղում թնդում էր ինչ֊որ մեկի կերկերուն ծիծաղը, կոկորդային ցնծալից մռնչյունը։ Այդ զարհուրելի զուգերգը տևեց երեք֊չորս րոպե՝ տագնապահար անելով ծառերի վրա քնած բոլոր թռչուններին, և նույնքան անսպասելի էլ լռեց։ Մենք երկար չէինք խոսում՝ ցնցված քիչ առաջ լսածից։ Հետո լորդ Ջոնը ցախ գցեց խարույկին։ Կրակի կարմրագույն ցոլքերը լուսավորեցին իմ ընկերների լարված դեմքերը և թրթռացրին մեր գլխավերևի սաղարթներին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ էր այդ, ― շշուկով հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Առավոտյան կիմանանք, ― ասաց լորդ Ջոնը։ ― Դա բոլորովին մոտիկ էր, այն բացատից ոչ հեռու։ | ||
+ | |||
+ | ― Մենք արժանացանք յուրայան շրջանի լագունի եղեգնուտում մինչպատմական ողբերգությունը հեռվից լսելու պատվին, երբ խոշոր թեփամորթը տիղմի մեջ վերջ է տալիս իր ավելի թույլ ցեղակցին, ― նույնիսկ իր համար անսովոր հանդիսավորությամբ ազդարարեց Չելենջերը։ ― Այո, մարդը շատ է շահել՝ մի փոքր ավելի ուշ հայտնվելով Երկրի վրա։ Աշխարհաստեղծության արշալույսին նա հարկադրված կլիներ հանդիպելու այնպիսի հրեշների, որոնք չէին վախենա ո՛չ նրա արիությունից, ո՛չ էլ հնարամտությունից։ Մի՞թե նետերը, պարսատիկը և նիզակը, կարող էին օգնել նրան այն ուժերի հետ ընդհարվելիս, որոնք խրախճանք էին սարքել այս գիշեր։ Անգամ ժամանակակից հրացանը ձեզ առավելություն չի տա այդպիսի հրեշի հետ հանդիպելիս։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, ես վստահում եմ իմ սիրելի բարեկամին, ― ասաց լորդ Ջոնը, շոյելով իր «Էքսպրեսի փողը։ ― Սակայն չեմ վիճում, որ այդ ճիվաղը հաղթանակի քիչ շանսեր չէր ունենա։ | ||
+ | |||
+ | Սամերլին ձեռքը վեր բարձրացրեց։ | ||
+ | |||
+ | ― Ս֊ս֊ս՜, ― շշնջաց նա։ ― Ինչ֊որ ձայն լսեցի։ | ||
+ | |||
+ | Մեռելային լռությունը խզեց մի թույլ, համաչափ դոփյուն։ Ինչ֊որ կենդանի էր անցնում թավուտով, ծանր թաթերը զգուշությամբ վերցնելով֊դնելով։ Նա դանդաղ շրջանցեց մեր ամրոցը և կանգ առավ մուտքի մոտ։ Լսում էին նրա շչող շնչառությունը։ Միայն թեթև ցանկապատն էր բաժանում մեզ այդ ճիվաղից։ Մենք վերցրինք մեր հրացանները, իսկ լորդ Ջոնը, փշոտ ցանկապատից մի թուփ դուրս քաշելով, հրակնատի նման ինչ֊որ բան պատրաստեց նրա մեջ։ | ||
+ | |||
+ | ― Աստվա՜ծ իմ, ― շշնջաց նա։ ― Ես կարծես թե տեսնում եմ նրան։ | ||
+ | |||
+ | Ես լորդ Ջոնի ուսի վրայով նայեցի այն կողմը։ Այո՛, ճիշտ է։ Ծառի տակ, թանձր ստվերում, երևում էր է՛լ ավելի թանձր մի ստվեր։ Գետնին կպած այդ նախնադարյան գազանի մեջ զգացվում էին վայրի ուժ ու կատաղություն։ Հասակով նա ձիուց բարձր էր, բայց նրա ծանր մարմնի գծագիրը խոսում էր արտասովոր ուժի մասին։ Միայն գերհզոր օրգանիզմը կարող էր այդպիսի լիքը, հավասար շնչառություն ունենալ։ Ասես շոգեկաթսա լիներ։ Հրեշը շարժվեց, և ես տեսա նրա զարհուրելի, կանաչափայլ աչքերը։ Խլրտոց լսվեց՝ նա դանդաղ առաջ էր շարժվում։ | ||
+ | |||
+ | ― Հիմա կցատկի, ― ասացի ես ու շնիկը ձգեցի։ | ||
+ | |||
+ | ― Չկրակեք, ― շշնջաց լորդ Ջոնը։ ― Մի՞թե այսպիսի խաղաղ գիշերին կարելի է կրակել։ Ձայնը կտարածվի մի քանի մղոնի վրա։ Պահեք այդ վերջին րոպեյի համար։ | ||
+ | |||
+ | ― Եթե նա անցնի ցանկապատը, կորած ենք, ― ասաց Սամերլին ջղային քմծիծաղով։ | ||
+ | |||
+ | ― Չենք թողնի, որ անցնի, ― ձայն տվեց լորդ Ջոնը։ ― Կրակեցեք միայն ծայրահեղ դեպքում։ Միգուցե առանց այդ էլ ես նրա հետ հաշիվ տեսնեմ։ Հարկավոր է փորձել։ | ||
+ | |||
+ | Դժվար է ավելի համարձակ քայլ պատկերցնել, քան այն, ինչ կատարեց լորդ Ջոնը։ Նա կռացավ խարույկի վրա, կրակից դուրս քաշեց մի վառվող ճյուղ և մի ակնթարթում մտնելով ցանկապատի մեջ բացված նեղ անցքը, դուրս եկավ մյուս կողմը։ Հրեշը ահեղ մռնչյունով շարժվեց առաջ։ Առանց մի րոպե տատանվելու, լորդ Ջոնը արագ և թեթև թռավ նրա մոտ և վառվող ճյուղը պարզեց ուղղակի հրեշի մռութին։ Աչքերիս առջև միայն մի վայրկյան երևաց ու չքացավ վիթխարի դոդոշի զզվելի դիմակը՝ գորտնուկավոր, ասես բորոտ մաշկ, և ամբողջովին արնոտ, հսկայական բերան։ Թփերում խշրտյուն լսվեց, և մեր զարհուրելի հյուրն անհետացավ անտառի թավուտում։ | ||
+ | |||
+ | ― Ես այդպես էլ գիտեի, որ նա կրակից կվախենա, ― ծիծաղելով ասաց լորդ Ջոնը՝ ետ գալով և ճյուղը նետելով խարույկի վրա։ | ||
+ | |||
+ | ― Դուք վտանգի ենթարկեցիք ձեր կյանքը, ― խմբովին բացականչեցինք մենք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ էր մնում անելու։ Եթե այդ հրեշը հայտնվեր մեր մեջ, մենք կրակելով միայն իրար ցած կգլորեինք։ Ցանկապատի միջով կրակելն էլ իմաստ չուներ․ այդ ժամանակ նա ամենայն հավանականությամբ կանցներ ցանկապատը, իսկ այդպիսի կրակոցը մեզ գկխովին կմատներ, ուրիշ ոչինչ։ Մի խոսքով, ըստ իս, հեշտ պրծանք։ Բայց այդ ի՞նչ գազան էր։ | ||
+ | |||
+ | Մեր գիտնականներն անվճռականորեն իրար նայեցին։ | ||
+ | |||
+ | ― Չեմ համարձակվում շատ թե քիչ ճշգրիտ բնորոշել այդ արարածին, ― ասաց Սամերլին՝ ծխամորճը կպցնելով խարույկի կրակից։ | ||
+ | |||
+ | ― Նման զգուշությունը հատուկ է իսկական գիտական մտածողություն ունեցող մարդկանց։ ― Չելենջերն իջավ մինչև հաճոյախոսությո՜ւն։ ― Ես ևս կսահմանափակվեմ ընդհանուր դիտողությամբ միայն, որ այս գիշեր մենք դեմ առանք գիշակեր դինոզավրի տեսակներից մեկին։ Սարահարթում դրանց գոյության հնարավորության մասին դուք արդեն լսել եք ինձանից։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ մինչպատմական շատ տեսակների մասին ոչ մի տեղեկություն չի հասել մեզ, ― ասաց Սամերլին։ ― Անխոհեմություն կլիներ մտածել, թե մենք կարող ենք անուն տալ այստեղ մեր աչքին ընկնող ամեն մի կենդանի արարածի։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն իրավացի եք։ Մեր հնարավորությունները սահմանափակվում են ամենամոտավոր դասակարգումով։ Սպասենք մինչև վաղը կպարզվի, իսկ առայժմ եկեք շարունակենք մեր ընդհատված քունը։ | ||
+ | |||
+ | ― Սակայն մի պայմանով, որ մեզանից մեկը հերթապահի, ― վճռականորեն ասաց լորդ Ջոնը։ ― Բարեկամներ, այսպիսի երկրում կատակ անել չի կարելի։ Առաջարկում եմ այսուհետև սահմանել գիշերային հերթապահություններ՝ երկժամյա հերթափոխությամբ։ | ||
+ | |||
+ | ― Այն ժամանակ առաջին ժամապահը ես կլինեմ, մանավանդ, որ ուզում եմ ծխամորճս ծխել վերջացնել, ― ասաց պրոֆեսոր Սամերլին։ | ||
+ | |||
+ | Եվ դրանից հետո մենք երբեք առանց պահպանության չենք քնում։ | ||
+ | |||
+ | Առավոտյան պարզվեց, թե որն էր մեզ արթնացնող ճիչերի պատճառը։ Այն բացատը, որտեղ մենք տեսանք իգուանոդոններին, դարձել էր իսկական կոտորածի դաշտ։ Նայելով այդ արյան լճակներին ու կանաչ խոտերի վրա այստեղ֊այնտեղ թափված մսի խոշոր կտորներին, կարելի էր ենթադրել, թե քիչ գազաններ չեն ընկել այստեղ, բայց ուշադիր զննելուց հետո պարզվեց, որ այդ բոլորը մեկ իգուանոդոնի մարմնի մասերն են, որին պատառոտել է մի այլ՝ եթե ոչ ավելի խոշոր, ապա համենայն դեպս ավելի կատաղի գազան։ | ||
+ | |||
+ | Երկու պրոֆեսորն էլ գիտական վեճի բռնվեցին, ուշի֊ուշով զննելով մսի յուրաքանչյուր պատառը, որն իր վրա կրում էր դաժան ժանիքների և հսկայական մագիլների հետքերը։ | ||
+ | |||
+ | ― Առայժմ որևէ եզրակացություն անելը վաղաժամ է, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը՝ զննելով իր ծնկներին դրած սպիտակավուն մսի կտորը։ ― Դատելով որոշ տվյալներից, հարձագվողը եղել է թրաժանիք վագր։ <ref>Թրաժանիք վագր (մախայրոգ) ― մեռած վիթխարի կատու, որն աչքի էր ընկնում վերին ծնոտի անսովոր զարգացած ժանիքներով, որոնք հարմարված էին հաստակաշի կենդանիներ որսալու։</ref> Այսպիաի վագրերի կմախքները գտնում են կոնգլոմերատների մեջ քարայրներում, բայց այն գազանը, որին մենք սեփական աչքերով տեսանք, շատ ավելի խոշոր է և ավելի շուտ նման է սողունի։ Անձամբ ես հակված եմ կարծելու, որ դա ալլոզավր էր։ | ||
+ | |||
+ | ― Կամ մեգալոզավր, ― ասաց Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Կարող է պատահել։ Մի խոսքով, գիշատիչ դինոզավրերից որևէ մեկը։ Դրանց մեջ պատահում են ամենազարհուրելի հրեշներ, որոնք երբևէ պղծել են մեր երկրագունդը կամ ծառայել իբրև թանգարանների զարդ։ ― Չելենջերը քրքջաց սեփական սրամտության վրա։ Ունենալով հումորի խիստ պարզունակ զգացողություն՝ նա ուրախանում էր իր ամեն մի, անգամ ամենակոպիտ կատակի վրա։ | ||
+ | |||
+ | ― Որքան քիչ աղմկենք, այնքան լավ, ― խստությամբ լռեցրեց նրան լորդ Ջոնը։ ― Ինչ իմանանք, թե ո՞վ է թափառում մոտերքում։ Եթե այդ կարիճը մտածի վերադառնալ այստեղ նախաճաշելու և պատահի մեզ, այն ժամանակ ծիծաղելու տրամադրություն չի մնա։ Ի դեպ, այդ ի՞նչ բիծ է։ | ||
+ | |||
+ | Իգուանադոնի թեփուկոտ, անփայլ սև կաշվին, ուսից մի փոքր վերև պարզ երևում էր մի մութ պալար, որը ասֆալտի գույն ուներ։ Մեզնից ոչ ոք չկարողացավ որոշել այդ բիծը, չնայած Սամերլին հիշեց, որ երկու օր առաջ ճիշտ այդպիսի պալար տեսել էր ջահել իգուանադոններից մեկի վրա։ Չելենջերը նստել էր փքված և բազմախորհուրդ լռություն էր պահպանում, իր ամբողջ տեսքով ասելով․ «Այ, գիտեմ, բայց չե՛մ ասի»։ Լորդ Ջոնին ուրիշ ոչինչ չէր մնում, քան նույն հարցով դիմել նրան։ | ||
+ | |||
+ | Եթե ձերդ ողորմածությունը թույլ կտա ինձ բերան բանալ, երջանիկ կլինեմ իմ կարծիքը հայտնելու, ― խայթող տոնով խոսեց Չելենջերը։ Կյանքումս առաջին անգամ եմ այդպիսի խրատներ լսում։ Ես չէի կարծում, որ առանց ձեր թույլտվության չի կարելի մինչև իսկ անմեղ կատակի վրա ծիծաղել։ | ||
+ | |||
+ | Եվ միայն այն բանից հետո, երբ լորդ Ջոնը ներողություն խնդրեց մեր շուտ նեղացող բարեկամից, նա բարեհաճեց զայրույթը փոխարկել ողորմածության։ Իսկ երբ նրա հուզմունքը բոլորովին հանդարտվեց, նա բարձրացավ ընկած ծառի բնին և դիմեց մեզ երկար և, ինչպես միշտ, խիստ հանդիսավոր մի ճառով, ասես նրա դեմ ոչ թե երեք մարդուց բաղկացած մի փոքրիկ խումբ էր, այլ հազարանոց բազմություն, որը թանկագին տեղեկություններ էր սպասում պրոֆեսորից։ | ||
+ | |||
+ | ― Ինչ վերաբերում է վերոհիշյալ բծին, ― սկսեց Չելենջերը, ― ապա ես հակամետ եմ միանալու իմ բարեկամ ու կոլեգա պրոֆեսոր Աամերլիի կարծիքին, որը պնդում է, թե դա ասֆալտ է։ Մեպլ֊Ուայտի Երկիրն ակնհայտորեն հրաբխային ծագում ունի, ասֆալտն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է խորքային կազմավորումների թվին և, անկասկած, գոյություն ունի այստեղ հեղուկ վիճակում, հետևաբար կարող է կպչել իգուանադոնների մաշկին։ Սակայն այժմ մեր առաջ կանգնած է մի այլ շատ ավելի կարևոր հարց․ ի՞նչ կերպ կարող են այստեղ գոյություն ունենալ մսակեր գիշատիչներ, որոնցից մեկն այցելել է բացատը և այսպիսի ահավոր հետքեր թողել այստեղ։ Մենք գիտենք, որ սարահարթն իր չափերով ավելի մեծ չէ Անգլիայի միջին կոմսութմոյնից։ Չորս կողմից փակված տարածության վրա շատ ու շատ դարերի ընթացքում ապրում են երկրի երեսից վաղուց չքացած կենդանիների որոշ տեսակներ։ Թվում է, ինձ համար դա կասկածից վեր է, թե մսակեր կենդանիները անարգել բազմանալով, պետք է որ վաղուց ոչնչացրած լինեին բնության տրամադրած սննդի պաշարները և դրա հետևանքով կամ սովից մեռնեին, կամ մսից անցնեին որևէ այլ կերի։ Ւնչպես տեսնում ենք՝ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը տեղի չի ունեցել։ Հետևաբար, մնում է ենթադրել, որ այդ կատաղի գիշակերների թվի սահմանակումը, առանց որի բնության մեջ հավասարակշռությունն անհնարին է, այստեղ ձեռք է բերվում ինչ֊որ այլ եղանակներով։ Որոնք են այդ եղանակները և ինչպես են կիրառվում՝ ահա մեկը բազմաթիվ հետաքրքրական պրոբլեմներից, որոնք սպասում են իրենց լուծմանը։ Թույլ եմ տալիս ինձ հուսալու, որ մենք դեռևս առիթ կունենանք մսկաեր դինոզավրերին դիտելու ավելի մոտիկ տարածությունից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես թույլ եմ տալիս ինձ հուսալու, որ այդպիսի առիթ չի ներկայանա, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | Ի պատասխան պրոֆեսորը վեր բարձրացրեց հոնքերը դպրոցական ուսուցչի նման, որն արհամարհում է չարաճճի աշակերտի անտեղի նկատողությունը։ | ||
+ | |||
+ | ― Թերևս պրոֆեսոր Սամերլին հաճեր իր նկատառումնե՞ր արտահայտել այս հարցի մասին, ― առաջարկեց նա։ | ||
+ | |||
+ | Եվ երկու գիտնականներն էլ ճախրեցին դեպի գիտության լեռնային բարձրունքները, որոնց նոսրացած մթնոլորտում միայն կարելի էր քննարկել այնպիսի պրոբլեմներ, ինչպես գոյության կռվի և կերի անշեղ պակասելու շնորհիվ ծնելության նվազման միջև եղած կապը։ | ||
+ | |||
+ | Այդ առավոտ մենք ուղևորվեցինք առվակից դեպի արևելք, որպեսզի նորից դուրս չգանք պտերոդակտիլների ճահիճը, և սարահարթի մի փոքր մասը տեղադրեցինք քարտեզի վրա։ Այդտեղ մանրանտառն այնքան խիտ էր, որ մենք ստիպված էինք տառացիորեն ճեղքել֊անցնել նրա միջով։ | ||
+ | |||
+ | Մինչև այժմ ես պատմեցի միայն Մեպլ֊Ուայտի Երկրի սարսափների մասին, բայց այդ անարդարացի է նրա նկատմամբ, որովհետև այդ ամբողջ առավոտ մենք շրջում էինք հիանալի ծաղիկների մեջ, գլխավորապես երկու երանգի՝ սպիտակ և դեղին։ Չելենջերի և Սամերլիի ասելով, նախնական գամման սահմանափակվում է հենց միայն այդ երկու գույներով։ Շատ տեղերում հողն ամբողջովին ծածկված էր ծաղիկներով, և մեր ոտքերը մինչև կոճերը թաղվում էին այդ հոյակապ փափուկ գորգի մեջ, որն այնպիսի ուժեղ ու դուրեկան բուրմունք էր տարածել չորս կողմը, որ մարդու գլուխը պտտվում էր։ Ամենուրեք տզտզում էին մեղուները, ճիշտ ու ճիշտ այնպիսիք, ինչպես մեզ մոտ, Անգլիայում։ Ծառերի ճյուղերը ցած էին խոնարհվել պտուղների ծանրության տակ, որոնք մասամբ ծանոթ էին մեզ, մասամաբ բոլորովին անծանոթ։ Մենք ընտրում էինք թռչունների կտցածները և, առանց թունավորումից վախենալու, հաճելի բազմազանություն մտցնում մեր կերակրացանկի մեջ։ Ջունգլիի այդ մասում ամենուրեք անցնում էին արահետներ, որ բացել էին վայրի գազանները, իսկ ճահճային ցածրավայրերը ծածկված էին բազմաթիվ հետքերով, որոնց մեջ պատահում էին նաև իգուանադոնների հետքեր։ Անտառային բացատներից մեկում արածում էր այդ հսկաների մի փոքրիկ նախիր։ Լորդ Ջոնը բինոկլով նկատեց, որ նրանք էլ ասֆալտե բծեր ունեն մարմինների վրա, չնայած ոչ այն տեղում, ինչ֊որ պատառ֊պատառ արված իգուանադոնինն էր։ Ինչպե՞ս բացատրել այդ տարօրինակ երևույթը՝ մեզնից ոչ ոք չգիտեր։ | ||
+ | |||
+ | Ճամփին մի գլուխ պատահում էին մանր կենդանիներ՝ խոզուկներ, թեփուկավոր մրջնակեր, երկար, վերև ոլորված ժանիքներով խայտաբղետ վարազ։ Մի անգամ ծառերի միջի բացվածքից նկատեցինք հեռվում մի կանաչ բլրալանջ, որտեղով վազեվազ անցավ ինչ֊որ խոշոր, գորշ աղյուսագույն գազան։ Նա այնքան արագ անցավ, որ մենք ժամանակ չունեցանք մի լավ նայել նրան։ Բայց եթե դա եղջերու էր, ինչպես պնդում էր լորդ Ջոնը, ապա իր չափսերով չէր զիջում իշայծյամներին, որոնց կմախքները մինչև այսօր էլ հայտնաբերվում են իմ հայրենի Իռլանդիայի ճահիճներում։ | ||
+ | |||
+ | Գիշերը մեզ այցի եկած հանելուկային հյուրից հետո սկսեցինք վախվխելով վերադառնալ ճամբար։ Սակայն այլևս ոչ մի այդպիսի բան չպատահեց։ Այդ երեկո մենք տաք վեճի բռնվեցինք ապագայի ծրագրերի շուրջը։ Մանրամասն շարադրեմ, որովհետև դա ազդեց մեր հետագա գործելակերպի վրա և օգնեց մի քանի օրում շատ ավելի լավ ծանոթանալ Մեպլ֊Ուայտի Երկրին, քան հնարավոր կլիներ անել երկար շաբաթների ընթացքում։ | ||
+ | |||
+ | Վիճաբանությունը բացեց Սամերլին։ Դեռևս առավոտից նա ինչ֊որ բանից դժգոհ էր, և երբ Ջոնը խոսեց վաղվա պլանների մասին, պրոֆեսորն այլևս չդիմացավ ու փրփրեց։ | ||
+ | |||
+ | ― Ե՛վ այսօր, և՛ վաղը, և՛ վաղը չէ մյուս օրը հարկավոր է ելք փնտրել այս մկան թակարդից, ― ասաց նա։ ― Բոլորդ գլուխ եք ջարդում, թե ինչպես թափանցեք երկրի խորքը, իսկ ըստ իս մենք պետք է մտածենք միայն այն մասին, թե ինչպես դուրս գանք այստեղից։ | ||
+ | |||
+ | ― Չէի սպասում, սըր, որ գիտության մարդը կարող է այդքան ցած իջնել, ― թնդաց Չելենջերը՝ սղալելով իր փարթամ մորուքը։ ― Դուք ընկել եք մի երկիր, որը հետաքրքրասեր բնագետի համար լի է այնպիսի հրապույրներով, որոնց հավասարը չկա և չի եղել աշխարհի գոյության սկզբից ի վեր։ Եվ դուք առաջարկում եք թողնել այս արգելավայրը, սահմանափակվել միայն ամենամակերեսային ծանոթությամբ նրա և նրա բնակիչների հետ։ Ես զարմացած եմ, պրոֆեսոր Սամերլի։ | ||
+ | |||
+ | ― Մի մոռանաք, խնդրեմ, ― զայրացած խոսեց Սամերլին, ― որ Լոնդոնում ինձ են սպասում մի մեծ խումբ ուսանողներ, որոնք թողնված են իմ բավականաչափ բթամիտ ասիստենտի խնամակալությանը։ Իմ վիճակը մի փոքր այլ է, պրոֆեսոր Չելենջեր, քան թե ձերը, քանզի, որքան հայտնի է ինձ, ոչ ոք և երբեք ձեզ չի հանձնարարել այնպիսի մի պատասխանատու աշխատանք, ինչպես երիտասարդության ուսուցումն է։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― համաձայնեց Չելենջերը։ ― Ինչո՞ւ դատարկ բաներով ծանրաբեռնել մի խելք, որն ընդունակ է բարձրագույն կարգի ստեղծագործական որոնումների։ Ըստ իս դա սրբապղծություն է։ Ահա թե ինչու ես միշտ էլ ամենավճռական ձևով հրաժարվում եմ նման առաջարկություններից։ | ||
+ | |||
+ | ― Այդ ինչպիսի՞ առաջարկություններից, ― կծու ծաղրով հարցրեց Սամերլին։ | ||
+ | |||
+ | Բայց այստեղ լորդ Ջոնն շտապեց խոսակցությունը փոխադրել այլ թեմայի շուրջ։ | ||
+ | |||
+ | ― Պետք է ասեմ ձեզ, ― սկսեց նա, ― որ ես պարզապես խայտառակություն եմ համարում վերադառնալ Լոնդոն՝ առանց ինչպես հարկն է այս երկրի հետ ծանոթանալու։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես սիրտ չեմ անի անցնել մեր խմբագրության շեմքը և երևալ ծերուկ Մակ֊Արդլի աչքին, ― ավալացրեցի ես։ (Դուք չե՞ք բարկանա, սըր։) ― Նա ինձ չի ների, եթե ես արհամարհեմ այսպիսի նյութը։ Բայց, իմ կարծիքով, այս վեճերն ավելորդ են․ չէ՞ որ մենք ուզենանք էլ, չենք կարող ցած իջնել։ | ||
+ | |||
+ | ― Մեր պատանի բարեկամի պարզունակ, առողջ դատողությունը որոշ չափով փոխհատուցում է նրա մտավոր զարգացման պակասը, ― ասաց Չելենջերը։ ― Հասկանալի է, որ մենք ոչ մի գործ չունենք նրա արգահատելի մասնագիտական հետաքրքրությունների հետ, բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է, մենք չենք կարող ցած իջնել, հետևաբար կարիք չկա իզուր ուժերը վատնել անիմաստ վեճերում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ըստ իս այն բոլորը, որ դուք մտածել եք, նույնպես ուժերի անիմաստ վատնում կլինի, ― մռմռթաց Սամերլին՝ առանց ծխամորճը բերանից հանելու։ ― Թույլ տվեք հիշեցնել, որ մենք այստեղ ենք եկել միանգամայն որոշակի նպատակով, որ մեր առաջ դրել է Լոնդոնի Կենդաբանական ինստիտուտի գիտական ժողովը։ Այդ նպատակն է՝ ստուգել պրոֆեսոր Չելենջերի պնդումները։ Պետք է ասեմ, որ մենք արդեն լիովին կարող ենք հաստատել դրանց հավաստիությունը։ Հետևաբար, մեր միսիան ավարտված է։ Իսկ ինչ վերաբերում է սարահարթի և նրա բնակիչների մանրամասն ուսումնասիրության, ապա այդ վիթխարի խնդիրը ի վիճակի կլինի լուծելու միայն հատկապես պատրաստված մեծ արշավախումբը։ Եթե ինքներս այդ գործը մեր վրա առնենք, հապա այն ժամանակ ո՞վ Անգլիա կհասցնի մեր ձեռք բերած տեղեկությունները, որոնք արժեքավոր ներդրում են գիտության մեջ։ Պրոֆեսոր Չելենջերը գտավ առաջին հայացքից անմատչելի այս սարահարթը բարձրանալու եղանակը։ Եկեք խնդրենք, որ նա մեկ անգամ ևս գործի դնի միայն իրեն հատուկ հնարամտությունը և վերադարձնի մեզ այն աշխարհը, որտեղից մենք եկել ենք։ | ||
+ | |||
+ | Սամերլիի փաստարկները վերին աստիճանի բանական թվացին ինձ։ Նույնիսկ Չելենջերը մտքերի մեջ ընկավ՝ հասկանալով, որ չի հաջողվի ամոթահար անել հակառակորդներին, եթե իր իրավացիության հաստատումը չհասնի նրանց։ | ||
+ | |||
+ | ― Սարահարթից իջնելու պրոբլեմն առաջին հայացքից թվում է անլուծելի, ― ասաց նա, ― բայց ես չեմ կասկածում, որ մարդկային բանականությունը այդ դրությունից ևս ելք կգտնի։ Ըստ երևույթին, իմ հարգելի կոլեգան իրավացի է․ մենք չպետք է երկարաձգենք Մեպլ֊Ուայտի Երկրում մեր մնալը, ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես վերադառնանք տուն։ Սակայն ես կտրականապես հրաժարվում եմ հեռանալ սարահարթից, քանի մենք դեռ չենք հետազոտել այն և թեկուզ որևէ քարտեզ չենք գծագրել։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Սամերլին անհամբերությամբ փնչացրեց։ | ||
+ | |||
+ | ― Մենք ամբողջ երկու օր ծախսել ենք հետազոտության վրա, ― ասաց նա, ― և այդ համարյա ոչինչ չի տվել։ Առաջվա պես մենք ոչ մի պատկերացում չունենք սարահարթի տեղադրության մասին։ Մի բան է միայն պարզվել․ Մեպլ֊Ուայտի երկիրը ծածկված է խիտ անտառներով։ Բայց չէ՞ որ ավելի մանրամասն ուսումնասիրության համար հարկավոր կլինեն ամիսներ։ Այլ բան, եթե այստեղ որևէ բարձրունք լիներ։ Սակայն սարահարթը թեքվածք ունի դեպի կենտրոն, նշանակում է որքան էլ խորքերը գնանք, միևնույն է, նրա ընդհանուր տեսարանը մեր առջև չի բացվի։ | ||
+ | |||
+ | Հանկարծ ասես ներշնչում ունեցա։ Պատահաբար հայացքս կանգ առավ հանգուցավոր վիթխարի գինգհո ծառի վրա, որն իր հզոր ճյուղերը տարածել էր մեր գլխին։ Մյուս ծառերից ոչ մեկն այդպիսի հաստ բուն չուներ, հետևաբար նա պետք է որ նաև նրանցից բարձր լիներ։ Եթե իսկապես սարահարթի փեշերը բարձրանում են, ապա ինչո՞ւ այդ հսկան չի կարող ծառայել իբրև դիտաշտարակ՝ Մեպլ֊Ուայտի Երկիրը շրջազննելու համար։ Ես դեռ մանկական տարիներում հռչակված էի ծառ բարձրանալու իմ արվեստով։ Ուղեկիցներս ինձնից լավ են մագլցում ժայռերը, բայց այստեղ նրանք ինձ հասնել չեն կարող։ Եթե կարողացա ոտքս դնել ներքևի ճյուղին, մնացածը դատարկ բան է՝ կբարձրանամ մինչև կատարը։ | ||
+ | |||
+ | Իմ միտքը խանդավառությամբ ընդունվեց։ | ||
+ | |||
+ | ― Մեր պատանի բարեկամն ընդունակ է ակրոբատիկ տրյուկներ անելու, որն աներևակայելի է ավելի ծանրաքայլ ու միաժամանակ ավելի պատկառելի մարդկանց համար, ― ասաց Չելենջերը, և նրա այտերը փքվեցին երկու կարմիր խնձորների նման։ ― Ողջունում եմ այդ որոշումը։ | ||
+ | |||
+ | ― Երիտասարդ, բայց դուք ուղղակի հանճար եք, ― բացականչեց լորդ Ջոնը՝ խփելով մեջքիս։ ― Չեմ հասկանում, թե ինչպե՞ս այդ միտքն առաջ մեր գլխով չանցավ։ Մինչև արևի մայրամուտն ընդամենը մի ժամ է մնում, բայց դուք դեռևս ժամանակ կունենաք շտապով տեղանքի թեկուզ և ամենամոտավոր պլանը գծագրելու։ Բարձրացեք ուղղակի ծոցատետրով։ Հիմա մենք մի երեք արկղ կդնենք իրար վրա, և ես մի կերպ ձեզ կբարձրացնեմ վերև։ | ||
+ | |||
+ | Լորդ Ջոնը բարձրացավ արկղերի վրա և սկսեց զգուշությամբ օգնել ինձ, բայց այստեղ Չելենջերը միջամտեց։ Նա մոտեցավ մեզ և տառացիորեն ինձ վեր շպրտեց իր հզոր թաթի մի շարժումով։ Կառչեցի հաստ ճյուղից, ոտքերիս օգնությամբ սկզբում ձգվեցի մինչև իրանիս կեսը, իսկ հետո չոքեցի ճյուղին։ Ներքևի երեք ճյուղերն աստիճանների դեր կատարեցին, ավելի բարակները նույնպես հեշտացնում էին վերելքը, և ես այնպես արագ էի բարձրանում, որ շուտով գետինը բոլորովին ծածկվեց տեսողությունիցս։ | ||
+ | |||
+ | Ժամանակ առ ժամանակ արգելքներ էին պատահում, նույնիսկ ստիպված եղա մի տասը ոտնաչափ երկարությամբ լիանայի վրայով բարձրանալ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ էր գնում, և ինձ արդեն թվում էր, թե Չելենջերի թավ բասը շուտով այլևս ինձ չի հասնի։ Սակայն ծառը հսկայական բարձրություն ուներ․ նայեցի վերևի կանաչ սաղարթին և չնկատեցի, որ նա սկսեր թեկուզ որևէ չափով նոսրանալ։ | ||
+ | |||
+ | Շուտով իմ վերելքի ճամփին հանդիպեց մի ճյուղ, որի վրա նստել էր մի խիստ կանաչ կծիկ՝ հավանորեն մի որևէ պարազիտային բույս։ Վիզս պարզեցի, աշխատելով ավելի լավ տեսնել նրան և, ցնցված այն բանից, ինչ անսպասելիորեն երևաց իմ աչքերին, քիչ մնաց ծառից ցած գլորվեի։ | ||
+ | |||
+ | Ինչ֊որ մեկի դեմքը ինձ էր նայում՝ մեզ իրարից բաժանում էր ընդամենը երկու ոտնաչափ տարածություն։ Այդ արարածը թաքնվել էր կանաչ կծիկի ետևում և գլուխը դուրս հանեց ինձ հետ միաժամանակ։ Դեմքը մարդկային էր, համենայն դեպս ավելի մարդկային, քան ամեն մի կապիկի դեմք։ Երկար, սպիտակավուն, ամբողջովին բշտիկներով ծածկված, տափակավուն քիթ, ներքևի մասսիվ ծնոտ, կզակին և այտերին կոշտ խոզաստև, ճիշտ այտամորուքի նման։ Հրեշը լայն բացել էր երախը և մռնչում էր, ասես անեծքներ տեղալով իմ հասցեին։ Ես տեսա նրա սուր, ցած ծռված շնային ժանիքները։ Կատաղի աչքերը, որոնք թավ հոնքերի տակից նայում էին ինձ սպառնալիքով և ատելությամբ, հանկարծ վայրկենապես անշարժացան անսահման սարսափից։ Հրեշը քարի պես ցած նետվեց։ Լսվեց ջարդվող ճյուղերի ուժեղ ճրթճրթոց, կարմրաշեկ, մազածածկ իրանը մի ակնթարթ երևաց աչքերիս առաջ ու անհետացավ տերևների փոթորկվող շրջապտույտում։ | ||
+ | |||
+ | ― Բանն ի՞նչ է, ― լսվեց ներքևից լորդ Ռոքստոնի ձայնը։ ― Ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Դուք տեսա՞ք, ― բղավեցի ես՝ հուզմունքից ամբողջովին դողալով և երկու ձեռքով պինդ կառչած ճյուղից։ | ||
+ | |||
+ | ― Ինչ֊որ աղմուկ լսեցինք, կարծեցինք, թե ոտներդ սխալ եք դրել։ Իսկ բանն ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | Այդ տարօրինակ մարդակապկի անակնկալ հայտնվելն այնպես ալեկոծեց ինձ, որ ես արդեն ուզում էի իջնել ծառից և պատահածի մասին պատմել ուղեկիցներիս։ Բայց շատ քիչ էր մնացել մինչև կատարը, և ես ամաչում էի ցած ինջնել՝ առանց ինձ վրա վերցրած խնդիրը կատարելու։ | ||
+ | |||
+ | Ուստի բավական երկար դադար տվի, շունչս ետ բերի ու շարունակեցի վեր բարձրանալ։ Մի անգամ ոտքս դրի մի փտած ճյուղի, որը ջարդվեց, և ես կախված մնացի ձեռքերիս վրա, բայց ընդհանրապես վերելքը դժվար չէր։ Տերևները սկսեցին քիչ առ քիչ նոսրանալ, դեմքիս քամի առավ, իսկ այդ նշանակում էր, որ գինգհոն արդեն իշխում էր հարևան ծառերի վրա։ | ||
+ | |||
+ | Բայց ես մագլցում էի վեր ու վեր՝ հաստատ որոշելով չնայել չորս կողմս, մինչև կատարը չհասնեմ։ Վերջապես ճյուղերն սկսեցին ճկվել իմ ծանրության տակ։ Ընտրեցի մի հուսալի երկատվածք, հարմար ձևով նստեցի նրա մեջ և նայեցի ներքև իմ առջև տարածված խորհրդավոր երկրի զարմանալի տեսարանին, երկիր, ուր ճակատագիրը գցել էր մեզ։ | ||
+ | |||
+ | Արևն արդեն բոլորովին իջել էր հորիզոնի գծին, բայց երեկոն այնպես պարզ էր ու խաղաղ, որ ներքևում փռված սարահարթը երևում էր մի ծայրից մինչև մյուսը։ Դա իրենից ներկայացնում էր մի ձվածիր մոտ երեսուն մղոն երկարությամբ, քսան մղոն լայնությամբ և ոչ խոր ձագարի ձևով, որովհետև մակերեսը թեքվածք ուներ դեպի կենտրոն, որտեղ մի բավական մեծ լիճ կար։ Այդ սքանչելի լճի ափերը ծածկված էին խիտ եղեգներով, կանաչավուն ջրի միջից տեղ֊տեղ երևում էին դեղին ավազուտներ, որոնք արևի մեղմ շողերի տակ փայլփլում էին ոսկու պես։ Ծանծաղուտում բազմաթիվ ինչ֊որ սև առարկաներ կային։ Ալիգատորի համար դրանք շատ մեծ էին, իսկ նավակի համար՝ շատ երկար։ Բինոկլով նկատեցի, որ կենդանի արարածներ էին, բայց թե ինչ, այպես էլ գլխի չընկա։ | ||
+ | |||
+ | Սարահարթի այն կողմից, որտեղ մեր ճամբարն էր, տեղ֊տեղ բացատներով կտրատված անտառածածկ լանջերը ձգվում էին մոտ վեց մղոն դեպի կենտրոնական լիճը։ Համարյա ոտքերիս տակ ճանաչեցի իգուանադոնների բացատը, իսկ այնուհետև նոսրացող ծառերի միջից, երևում էր պտերոդակտիլների ճահիճ տանող արահետը։ Լճի մյուս կողմում սարահարթի բնույթը խստորեն փոխվում էր։ Այնտեղ բարձրանում էին ճիշտ այնպիսի բազալտե քարափներ, որպիսիք մենք տեսել էինք ներքևում, հարթավայրից։ Այդ շղթան մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ուներ, և նրա ստորոտում անտառ էր։ Կարմրավուն քարափների ներքևի մասում, գետնից մի փոքր վերև, բինոկլով մի շարք մութ անցքեր նկատեցի՝ ըստ երևույթին, քարայրների մուտքեր։ Այդ քարայրներից մեկի մոտ ինչ֊որ բան սպիտակին էր տալիս, թե ինչ, այնպես էլ չհաջողվեց պարզել։ | ||
+ | |||
+ | Գործս վերջացրի միայն արևի մայր մտնելուց հետո, երբ արդեն ոչինչ չէր երևում, և ցած իջա ընկերներիս մոտ, որոնք ծառի տակ անհամբերությամբ ինձ էին սպասում։ Ահա թե ե՜րբ դարձա օրվա հերոսը։ Այդ մտահղացումը պատկանում էր ինձ, ինքս էլ այն կենսագործեցի։ Ահա քարտեզը, որը մի ամիս ժամանակ կտնտեսի մեզ համար և կազատի Անհայտ երկրում կուրորեն թափառելու անհրաժեշտությունից։ Հետևեցին հանդիսավոր ձեռքսեղմումներ։ Բայց նախքան ընկերներիս քարտեզը ցույց տալը, անհրաժեշտ էր պատմել մարդակապիկի հետ հանդիպելու մասին։ | ||
+ | |||
+ | ― Ամբողջ ժամանակ նա այնտեղ էր, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեց լորդ Ջոնը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ հանգիստ չէր տալիս այն զգացումը, որ ինչ֊որ մեկի չար աչքերը հետևում են մեզ։ Հիշո՞ւմ եք, պրոֆեսոր Չելենջեր, ես այդ մասին ասում էի ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես, ինչ֊որ այդպիսի բան լսել եմ։ Մեր պատանի բարեկամն այնպիսի դյուրազգացություն ունի, որը բնորոշ է կելտական ցեղի ներկայացուցիչներին։ | ||
+ | |||
+ | ― Հեռազգայության տեսությունը․․․ ― սկսեց Սամերլին՝ ծխամորճը լցնելով։ | ||
+ | |||
+ | ― Դա խիստ բարդ պրոբլեմ է, որն այժմ չենք քննարկի, ― վճռականորեն ընդհատեց նրան Չելենջերը։ ― Ավելի լավ է ասեք, ― դարձավ նա ինձ վեհապանծ տեսքով, ինչպես եպիսկոպոս, որը քննության է ենթարկում կիրակնօրյա դպրոցի աշակերտին, ― չնկատեցի՞ք արդյոք՝ կարողանո՞ւմ էր այդ արարածը մեծ մատը ափին սեղմել։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ, ինչ որ չեմ տեսել, չեմ տեսել։ | ||
+ | |||
+ | ― Պոչ ունե՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Ետևի վերջավորությունները բռնո՞ղ էին։ | ||
+ | |||
+ | ― Ամենայն հավանականությամբ, այլապես նա չէր կարող այդպիսի արագությամբ ճյուղից ճյուղ ցատկել։ | ||
+ | |||
+ | ― Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Հարավային Ամերիկայում մինչև երեսունվեց տեսակի կապիկ է հաշվվում․․․ պրոֆեսոր Սամերլի, խնդրում եմ ձեռնպահ մնալ դիտողություններ անելուց․․․ բայց նրանց մեջ մարդանմաններ չկան։ Այժմ կասկածից վեր է, որ մարդակապիկներ կան այստեղ, սական դա ինչ֊որ այլ տարատեսակ է և ոչ թե այն մազառատ գորիլլանները, որոնք պատահում են միայն Աֆրիկայում և Արևելքում։ (Քիչ մնաց լեզվիցս թռչեր, որ այդ գորիլլանմաննեի ազգակիցներին տեսել եմ Կենսինգտոնում։) Այստեղի փոփոխակների համար բնորոշ են մազերի առկայությունը դեմքին և մաշկի սպիտակ գույնը․ վերջինս բացատրվում է նրանով, որ այդ կապիկներն ապրում են ծառերի վրա, խիտ տերևների մեջ։ Մեր առջև մի հարց է դրված՝ ո՞ւմ է ավելի մոտենում այստեղի տարատեսակը՝ կապիկի՞ն, թե մարդուն։ Վերջին դեպքում նա, ըստ երևույթին, իրենից ներկայացնում է այն, ինչ որ հասարակ լեզվով կոչվում է «պակասող օղակ»։ Մեր պարտքն է՝ անմիջապես անցնել այդ պրոբլեմի լուծմանը․․․ | ||
+ | |||
+ | ― Առարկում եմ, ― մեկեն ընդհատեց նրան Սամերլին։ ― Այժմ, երբ մեր ձեռքին քարտեզ կա, ― իսկ դրանով մենք պարտական ենք միստր Մելոունի հնարամտությանն ու եռանդուն գործելակերպին (ես ստիպված եմ բերել նրա խոսքերը), ― մեր միակ պարտքն է՝ բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի անմիջապես ողջ ու անվնաս դուրս գանք այս ահավոր վայրից։ | ||
+ | |||
+ | ― Քաղաքակրթության բարիքները ձեզ հանգիստ չեն տալիս, ― տնքաց Չելենջերը։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր։ Եվ քաղաքակրթության ամենամեծ բարիքը ես համարում եմ թանաքը, սըր։ Մենք պետք է հաշիվ տանք այն բոլորի մասին, ինչ տեսել ենք այստեղ, իսկ հետագա ուսումնասիրությամբ թող զբաղվեն ուրիշները։ Դուք ինքներդ դրա հետ համաձայնեցիք, նախքան միստր Մելոունը մեզ իր քարտեզը ցույց կտար։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ― ասաց Չելենջերը։ ― Ես էլ իսկույն կթեթևանամ, երբ վերջնականապես համոզվեմ, որ էքսպեդիցիայի արդյունքները կհասնեն մեր բարեկամներին ի գիտություն։ Բայց առայժմ ես գաղափար չունեմ, թե ինչպե՞ս դուրս պրծնենք այստեղից։ Այնուամենայնիվ, դեռևս Ջորջ Էդուարդ Չելենջերն առիթ չի ունեցել դեմ առնելու այնպիսի պրոբլեմների, որոնք վեր լինեին նրա հնարամիտ խելքից, և նա խոստանում է վաղն իսկ ընդհուպ զբաղվել այդ հարցով։ | ||
+ | |||
+ | Վիճաբանությունը վերջացավ։ Այդ նույն երեկոյան խարույկի և միակ մոմի լույսի տակ իմ ճեպանկարի հիման վրա մենք գծագրեցինք Կորսված աշխարհի քարտեզը։ Հենց քիչ առաջ ծառերի կատարից նշած իմ մանրամասները տեղադրվեցին համապատասխան տեղերում։ Չելենջերի մատիտը կանգ առավ լիճը պատկերող սպիտակ, մեծ խալի վրա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ անուն տանք սրան։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ առիթից չօգտվեք ձեր անունն անմահացնելու համար, ― սովորական խայթող տոնով ասաց Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Ես համոզված եմ, սըր, որ սերունդներն ավելի ծանրակշիռ հիմքեր կունենան Չելենջերին հիշելու։ Եվ այդ հիմքերը կհանգեն նրա անձնական ծառայությունների վրա, ― խստությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Յուրաքանչյուր տգետ կարող է իր անունը զոռով փաթաթել որևէ գետի կամ լեռան վզին։ Ինձ այդպիսի հուշարձան պետք չէ։ | ||
+ | |||
+ | Սամերլին ծուռ ժպտաց՝ պատրաստվելով նոր հարձակման, բայց լորդ Ջոնն շտապեց ընդհատել վիճողներին։ | ||
+ | |||
+ | ― Սիրելի երիտասարդ, լիճը դուք պետք է մկրտեք, ― ասաց նա։ ― Առաջինը դուք եք տեսել այն, և եթե ուզենաք քարտեզի վրա նշել «Մելոունի լիճ», ոչ ոք ձեզ չի հակառակի։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, իհարկե։ Թող մեր պատանի բարեկամն անուն տա լճին, ― պատասխանեց նրան Չելենջերը։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում, ― ասացի ես և զգացի, որ կարմրում եմ, ― թող նա կոչվի Գլեդիսի լիճ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ձեզ չի՞ թվում, որ «Կենտրոնական» անունն ավելի պարզ պատկերացում կտա նրա դիրքի մասին, ― հարցրեց Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, թող լինի Գլեդիսի լիճ։ | ||
+ | |||
+ | Չելենջերը մի համակրական հայացք նետեց ինձ վրա և կատակով օրորեց գլուխը։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, ջահելությո՜ւն, ջահելո՜թյուն, ― ասաց նա։ ― Դե ինչ, Գլեդիս է, թող Գլեդիս լինի։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XII «Ինչ զարհուրելի էր անտառում»== | ||
+ | |||
+ | |||
+ | Վերջին ժամանակներս իմ հիշողությունը չար կատակներ է անում ինձ հետ, բայց կարծեմ նախորդ նամակում հիշատակել եմ, որ ես գլուխս կորցրել էի հպարտությունից, երբ երեք այնպիսի երևելի մարդիկ, ինչպիսիք իմ ուղեկիցներն են, շնորհակալությամբ սեղմեցին ձեռքս։ Նրանց ասելով, ես փրկեցի կամ համենայն դեպս զգալիորեն թեթևացրի մեր վիճակը։ Լինելով արշավախմբի ամենակրտսեր անդամը և զիջելով ընկերներիս փորձի և բնավորության ամրության տեսակետից՝ ես մեր ճանապարհորդության առաջին իսկ օրից մնացել էի ստվերի մեջ։ Բայց այժմ հասավ նաև իմ հերթը։ Ավա՜ղ, հպարտությունը լավ բան չի խոստանում։ Ինքնագոհության զգացումը և ուժերիս նկատմամբ միանգամայն նոր վստահությունը հասցրին այն բանին, որ հենց նույն գիշեր այնպիսի փորձություն վիճակվեց ինձ, որի մասին մինչև հիմա էլ չեմ կարողանում առանց սարսափի հիշել։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչպես պատահեց։ Չափազանց հուզված գինգհո ծառի գագաթը հաջողությամբ բարձրանալուց, ես ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Այդ գիշեր առաջինը Սամերլին էր հերթապահում։ Խարույկի աղոտ լույսի տակ երևում էր նրա անհեթեթ, անճոռնի կերպարանքը։ Նա նստել էր կորացած, հրացանը դրած ծնկներին, և այնպես էր տանձ կշռում, որ մորուքը շարունակ ցնցվում էր։ Լորդ Ջոնը պառկել էր փաթաթված իր հարավամերիկյան վերմակի՝ պոնչոյի մեջ, և նրա ձայնը բոլորովին չէր լսվում։ Դրա փոխարեն Չելենջերըի բարձր, թավ խռմփոցը տարածվում էր ողջ անտառով մեկ։ | ||
+ | |||
+ | Լիալուսինը վառ կերպով լուսավորում էր․ գիշերային ցուրտ օդը թափանցում էր մարդու մարմին։ Զբոսանքի համար ի՜նչ հարմար գիշեր։ Հանկարծ գլխումս մի միտք ծագեց․ իսկ ինչո՞ւ իսկապես չզբոսնել։ Իսկ ի՞նչ, եթե կամացուկ դուրս գամ ճամբարից, գտնեմ կենտրոնական լճի ճամփան և առավոտյան վերադառնամ մի ամբող կույտ նորություններով։ Չէ՞ որ այն ժամանակ իմ վարկը է՛լ ավելի կբարձրանա։ Եվ եթե Սամերլին հարկադրի մեզ այստեղից դուրս պրծնելու մի ելք գտնել, մենք Լոնդոն կվերադառնանք ամենաճշգրիտ տեղեկություններ ունենալով Մեպլ֊Ուայտի Երկրի կենտրոնական մասի վերաբերյալ, որտեղ, բացի ինձանից, ուրիշ ոչ ոք չի լինի։ Հիշեցի Գլեդիսին․․․ «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը» ― հնչեց ականջներիս մեջ։ Հիշեցի նաև Մակ֊Արդլին։ Ինչպիսի՜ նյութ թերթի համար՝ ամբողջ ճակատով մեկ։ Ինչպիսի՜ կարիերա է սպասում ինձ ապագայում։ Եթե պատերազմ սկսվի, թերևս ինձ իբրև թղթակից ուղարկեն ռազմական գործողությունների թատերաբեմ։ | ||
+ | |||
+ | Ես վերցրի առաջին պատահած հրացանը, ― փամփուշտները գրպանումս էին, ― և, մի կողմ քաշելով ամրոցի մուտքը փակող անցկալը, դուրս սողացի ցանկապատի միջից։ Ետ նայելով՝ տեսա մեր վայ ժամապահ Սամերլիին, որն առաջվա պես ննջում էր հանգչող խարույկի մոտ՝ անճոռնի արձանիկի նման օրորելով գլուխը։ | ||
+ | |||
+ | Հենց առաջին հարյուր յարդից հետո պարզ դարձրավ իմ վարմունքի ողջ անմտությունը։ Կարծեմ ես արդեն այս խրոնիկայի էջերում հիշատակել եմ, որ վառ երևակայությունն ինձ խանգարում է իսկականից համարձակ մարդ լինել, այլև հիշատակել եմ, որ ես ամենից շատ վախենում եմ վախկոտ համարվելուց։ Ահա հենց այդ վախն էլ ինձ առաջ էր մղում։ Ես պարզապես չէի կարող դատարկաձեռն վերադառնալ ճամբար։ Նույնիսկ եթե ընկերներս գլխի չընկնեին ու չիմանային իմ փոքրոգության մասին, միևնույն է, այրող ամոթից գլուխս թաքցնելու տեղ չէի գտնի։ Միաժամանակ ես եկյուղից շարունակ դողում էի և պատրաստ էի ամեն բան տալ, միայն թե արժանավայել ելք գտնեի այդ հիմար դրությունից։ | ||
+ | |||
+ | Ի՜նչ զարհուրելի էր անտառում։ Ծառերը կանգնած էին այնպիսի խիտ պատնեշով, նրանց տերևներն այնքան թանձր էին, որ լուսնի լույսը համարյա ցած չէր թափանցում, և միայն ամենավերևի ճյուղերն էին նուրբ մետաղե նախշեր գծել աստղալից երկնքի ֆոնին։ Քիչ առ քիչ վարժվելով մթությանը՝ աչքերս սկսեցին առանձին բաներ տեսնել։ Որոշ ծառեր այնուամենայնիվ երևում էին այդ խավարում, մյուսները բոլորովին թաղվում էին ածխասև վիհերում, որոնցից ես սարսափով ետ էի ընկրկում, քանի որ երբեմն թվում էր, թե դրանք ինչ֊որ քարայրների մուտքեր են։ Հիշեցի մահվան դատապարտված իգուանադոնի հուսահատ ոռնոցը, որը տարածվեց ամբողջ անտառում։ Հիշեցի նաև այն գորտնուկավոր, արյունոտ մռութը, որ տեսա լորդ Ռոքստոնի ջահի լույսով։ Զարհուրելի անանուն հրեշը հենց այս տեղերում է որսի դուրս գալիս։ Նա ամեն րոպե անտառի խավարից կարող է նետվել ինձ վրա։ Կանգ առա, գրպանիցս մի փամփուշտ հանեցի ու քաշեցի հրացանի փակաղակը։ Եվ հանկարծ սիրտս քարացավ։ Որսի հրացանն էի վերցրել։ | ||
+ | |||
+ | Եվ ես նորից մտածեցի․ «Ետ չդառնա՞մ արդյոք»։ Առիթը միանգամայն բավական է․ ոչ ոք չի համարձակվի կասկածել անհաջողությանս պատճառների մասին։ Սակայն անմիտ հպարտությունս ապստամբեց այդ խոսքի դեմ։ Ոչ, ես չէի ուզում, չէի կարող թույլ տալ, որ գործս ձախողվեր։ Եթե բանն այդտեղ հասավ, ապա այն վտանգների դեմ հանդիման, որոնք ամենայն հավանականությամբ սպառնում են ինձ, մյուս հրացանը ոչ պակաս անօգուտ զենք կլիներ, քան որսորդականը։ Վերադառնալ ճամբար և սխալն ուղղել միտք չունի՝ երկրորդ անգամ ինձ չի հաջողվի աննկատ դուրս գալ այնտեղից։ Հարկ կլինի բացատրել իմ մտադրությունը, և այն ժամանակ նախաձեռնությունը ձեռքիցս կգնա։ Կարճատև տատանումներից հետո մի կերպ սիրտ առա և առաջ շարժվեցի, անօգուտ հրացանը թևիս տակ դրած։ | ||
+ | |||
+ | Անտառի խավարը երկյուղ էր ազդում, բայց իգուանադոնների բացատում, որը ողողված էր լուսնի միապաղաղ լույսով, ես համակվեցի ավելի մեծ երկյուղով։ Ուշադիր զննում էի բացատը՝ թաքնված թփերի մեջ։ Հրեշներ չէին երևում։ Ողբերգությունը, որի չարաբաստիկ հերոսն էր դարձել իգուանադոններից մեկը, հավանորեն ստիպել էր մյուսներին հեռանալ այդ արոտավայրից։ Միգապատ, արծաթավուն գիշերը խաղաղ էր՝ ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն։ Սրտապնդվելով՝ արագ վազեցի անցա բացատը և նորից դուրս եկա առվակի ափը, որը ծառայում էր ինձ իբրև ուղեցույց։ Այդ ուրախ ուղեցույցը հոսում էր շատախոս խոխոջյունով, ինչպես սրտիս սիրելի այն առվակը հայրենիքում, որտեղ ես դեռ մանուկ, գիշերները ձուկ էի որսում։ Եթե հոսանքն ի վար գնայի, նա ինձ կհասցներ լճին․ եթե վերև բարձրանայի, կվերադառնայի ճամբար։ Առվակը մերթ ընդ մերթ կորչում էր թփերի մեջ, բայց նրա անլռելի մրմունջը շարունակ իմ ականջներում էր։ | ||
+ | |||
+ | Որքան թեքությամբ ներքև էի իջնում, այնքան ավելի ու ավելի էր անտառը նոսրանում, աստիճանաբար իր տեղը զիջելով թփուտներին, որոնց մեջ տեղ֊տեղ միայն վեր էին ցցվում բարձր ծառերը։ Քայլելը հեշտացավ, և այժմ ես կարող էի նայել շուրջս՝ ինքս աննկատ մնալով։ Ճանապարհն անցնում էր պտերոդակտիլների ճահճի մոտով, որտեղից չոր խշշոցով ու սուլոցով վեր խոյացավ այդ հսկաներից մեկը․ նրա թևերի լայնքը ամենաքիչը քսան ոտնաչափ կլիներ։ Ահա նա ծածկեց լուսնի սկավառակը, և թաղանթավոր թևերը, որոնց միջից թափանցում էր շլացուցիչ սպիտակ փայլը, կմախքի սև ուրվագծով գծագրվեցին իմ գլխավերևում։ Նետվեցի թփերի մեջ, փորձով գիտենալով, որ հերիք է այդ հրեշը ձայն արձակի, և նրա նողկալի եղբայրակիցներն ամբողջ խմբով ինձ վրա կհարձակվեն։ Եվ միայն պտերոդակտիլի թփուտներում իջնելուց հետո ես զգուշությամբ առաջ շարժվեցի։ | ||
+ | |||
+ | Հազվադեպ խաղաղ գիշեր էր, բայց ահա այդ խաղաղությունը խանգարեց մի խուլ, հավասար դղրդյուն, որն իմ ամեն մի քայլից հետո ավելի ու ավելի էր ուժեղանում։ Վերջապես, բոլորովին մոտեցա ու կանգ առա այն աղբյուրի մոտ, որից դուրս էր գալիս կաթսայում եռացող ջրի բղկբղկոց հիշեցնող այն ձայնը, և հասկացա, թե բանն ինչ է։ Ոչ մեծ բացատի մեջտեղում երևում էր մի լիճ, ավելի ճիշտ՝ լճակ, որովհետև տրամագծով նա ավելի մեծ չէր Տրաֆալգար֊պուրակի ջրամբարից։ Ձյութի նման սև նրա մակերեսը անընդհատ պղպջակներ էր կապում, որոնք պայթում էին՝ իրենցից գազ արձակելով։ Ավազանի վրա օդը թրթռում էր տապից, իսկ շրջապատի հողն այնքան տաք էր, որ երբ ձեռքս մոտեցրի գետնին, իսկույն թափով ետ քաշեցի։ Ըստ երևույթին, հրաբխային այդ հզոր պրոցեսը, որը շատ դարեր առաջ սարահարթը շպրտել էր երկրի մակերեսին, դեռևս չէր ավարտվել։ Մենք արդեն այստեղ փարթամ կանաչի մեջ տեսել էինք ժայռերի սև բեկորներ և սառած լավա, բայց հեղուկ ասֆալտի այս ավազանը առաջին անվիճելի ապացույցն էր, որ վաղեմի հրաբուխը շարունակում է գործել մինչև այսօր։ Դժբախտաբար, պետք է շտապեի, որպեսզի մինչև լուսաբաց վերադառնայի ճամբար, և ես այլևս երկար չմնացի այդտեղ։ | ||
+ | |||
+ | Մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա այդ զարհուրելի ճանապարհը։ Լուսնի լույսով լուսավորված բացատներն անցնում էի եզրերով՝ աշխատելով մնալ թանձր ստվերում։ Մացառուտներում մի գլուխ սարսափից քարանում էի, լսելով ճյուղերի ճթթոցը, որոնց միջով անցնում էր որևէ գազան։ Իմ առաջ հայտնվում էին հսկայական ստվերներ և նորից չքանում՝ անաղմուկ սահելով փափուկ թաթերի վրա։ Հաճախ էի կանգ առնում՝ հաստատ որոշելով ետ դառնալ, և ամեն անգամ հպարտությունս հաղթում էր վախին ու ինձ առաջ մղում դեպի նպատակը։ | ||
+ | |||
+ | Վերջապես (իմ ժամացույցով ժամը երկուսի սկիզբն էր), ծառերի արանքից փայլեց ջուրը, և մի տասը րոպեից հետո ես արդեն կանգնել էի կենտրոնական լճի ափին, եղեգների մեջ։ Ծարավը վաղուց էր տանջում ինձ․ պառկեցի փորի վրա, սկսեցի խմել։ Ջուրն սառն էր ու շատ հաճելի։ Մի լայն, բազմաթիվ ոտնահետքերով տրորված արահետ գալիս հասնում էր մինչև իմ կանգնած տեղը․ հավանորեն գազանները այստեղ էին գալիս ջուր խմելու։ Հենց լճափին բարձրանում էր սառած լավայի մի վիթխարի կոշտ։ Ելա նրա վրա, պառկեցի և նայեցի չորս կողմս։ | ||
+ | |||
+ | Առաջին բանը, որ տեսա, ապշեցրեց ինձ իր անսպասելիությամբ։ Նկարագրելով գինգհո ծառի կատարից բացվող տեսարանը, ես հիշատակեցի դիմացի քարափի վրա եղած մութ բծերը, որոնք կարելի էր ընդունել իբրև քարայրների մուտքեր։ Այժմ նայելով այն կողմ, ես տեսա բազմաթիվ կլոր անցքեր, որոնք վառ կարմիր լույս էին արձակում, ինչպես գիշերային խավարում օվկիանոսային շոգենավերի լուսանցույցներ։ Սկզբում կարծեցի, թե դա դեռևս չհանգած հրաբխի լավայի հրացոլքն է, բայց իսկույն էլ հրաժարվեցի այդպիսի ենթադրությունից։ Լավան կեռար որևէ տեղ ներքևում, այլ ոչ թե բարձր ժայռերի մեջ։ Ուրեմն, հապա այդ ի՞նչ է նշանակում։ Անհավատալի է, բայց երևի այլ բացատրություն չի կարելի տալ․ այդ կարմրավուն կետերը ոչ այլ ինչ են, քան խարույկների հրացոլքեր, որոնք վառվում են քարայրներում, խարույկներ, որ միայն մարդկային ձեռքը կարող էր վառել։ Հետևապես, սարահարթում մարդիկ կան։ Ի՜նչ փայլուն արդյունքներ տվեց իմ գիշերային զբոսանքը․․․ Այսպիսի տեղեկություններով ամոթ չի լինի Լոնդոն վերադառնալ։ | ||
+ | |||
+ | Երկար նայում էի այդ կարմիր, թրթռուն ցոլքերին։ Մինչև այնտեղ ոչ պակաս տասը մղոն կլիներ, բայց նույնիսկ այդպիսի հեռավորությունից կարելի էր նշմարել, թե ինչպես այդ ցոլքերը մերթ մարում էին, մերթ բռնկվում ավելի վառ, մերթ բոլորովին անհետանում, երբ ինչ֊որ ստվերներ ծածկում էին դրանք։ Ինչ ասես չէի տա, որպեսզի գաղտագողի մոտենայի այն քարայրներին, նայեի ներս, ապա պատմեի ուղեկիցներիս երկրագնդի այդ խորհրդավոր անկյունում բնակվող մարդկային ցեղի արտաքին տեսքի և ապրելակերպի մասին։ Այժմ ավելորդ էր այդ մասին մտածել, բայց հազիվ թե մեզանից մեկնումեկն ուզենա թողնել սարահարթը, առանց կարգին իմանալու՝ ինչ է թաքնված այնտեղ, քարայրներում։ | ||
+ | |||
+ | Գլեդիսի լիճը, ― ի՜մ լիճը, ― փայլում էր դեմս ինչպես սնդիկ, իսկ ուղիղ նրա կենտրոնում արտացոլվել էր լուսնի լուսավոր դեմքը։ Լիճը խորը չէր․ մի քանի տեղերում ջրի տակից երևում էին ավազե ծանծաղուտներ։ Լճի հարթ մակերեսն ապրում էր իր կյանքով՝ նրա վրա հայտնվում էին մերթ օղակներ, մերթ թեթև կնճիռներ, ահա ձուկը փայլեց իր արծաթե թեփուկներով, ահա երևաց ինչ֊որ հրեշի սև թերթաքարե սապատավոր մեջքը։ Մի տարօրինակ արարած, որ նման էր երկար, ճկուն վզով հսկայական կարապի, անցավ դեղին ծանծաղուտի եզրով, ապա ծանրությամբ շրմփաց ջուրը և սկսեց լողալ։ Նրա կոր վիզը և ճարպիկ գլուխը դեռ երկար նկատելի էին ջրի վրա։ Հետո նա սուզվեց և այլևս չերևաց։ | ||
+ | |||
+ | Շուտով ամբողջ ուշադրությունս դարձրի այն բանի վրա, ինչ կատարվում էր համարյա իմ ոտքերի մոտ։ Լճափին հայտնվեցին երկու գազաններ, որոնք նման էին խոշոր արմադիլների։<ref>Արմադիլ կամ զրահակիր ― կաթնակերների հատուկ խմբի ներկայացուցիչ, որը ծածկված է ոսկրաթիթեղների ամուր զրահով։ Բրածո զրահակիրները հասնում են վիթխարի չափերի։</ref> Նրանք վրա ընկան ջրին և սկսեցին արագ֊արագ աշխատել լեզուների երկար, կարմիր ժապավեններով։ Նրանց ետևից ջուր խմելու եկավ բազմաճյուղ եղջույրներով հսկա մի եղջերու իր եղնիկի և երկու ձագերի հետ։ Բացի Մեպլ֊Ուայտի Երկրից, երևի էլ ուրիշ ոչ մի տեղ չես կարող այդպիսի արքայական արարած գտնել, թե՛ իշայծամը, թե՛ամերիկյան եղջերուն հազիվ նրա ուսերից լինեին։ Ամբողջ ընտանիքը հանգիստ ջուր էր խմում, բայց հանկարծ արուն նախազգուշաբար փնչացրեց, և նրանք մի ակնթարթում կորան եղեգների մեջ։ Արմադիլները նույնպես կաղին տալով հեռացան։ Արահետի վրա հայտնվեց ինչ֊որ նոր արարած՝ մի իսկական հրեշ։ | ||
+ | |||
+ | Գլխովս մի միտք անցավ՝ արդյոք որտե՞ղ եմ տեսել այդ այլանդակ հրեշին՝ մեջքին եռանկյունաձև ատամներ շարված, փոքրիկ թռչնային գլխով, որ կախ էր ընկել համարյա մինչև գետին։ Հանկարծ հիշեցի․ չէ՞ որ դա ստեգոզավր է, որին Մեպլ֊Ուայտը պատկերել էր իր ալբոմի էջերում, այն հրեշը, որով ամենից առաջ հետաքրքրվել էր Չելենջերը։ Ահա նա իմ առջև է՝ թերևս նույն այն գազանը, որը հանդիպել էր ամերիկացի նկարչին։ Գետինը դողում էր նրա սարսափելի ծանրության տակ, ջուրը նա այնքան աղմուկով էր լափում, որ այդ ձայներն արթնացրին գիշերը։ Մի հինգ րոպե ստեգոզավրը կանգնել էր բոլորովին իմ կողքին։ Հերիք է ձեռքս պարզեի, և կարող էի շոշափել նրա մեջքի գարշելի ատամները, որոնք ցնցվում էին յուրաքանչյուր շարժումից։ Կշտանալուց հետո հրեշը քարշ գալով հեռացավ ու ծածկվեց գլաժայռերի ետևում։ | ||
+ | |||
+ | Հանեցի ժամացույցս՝ երկուսն անց էր կես, իսկը ճամբար վերադառնալու ժամանակը։ Վերադարձի ճամփան ոչ մի կասկած չէր հարուցում իմ մեջ, քանի որ ես այստեղ էի եկել՝ շարունակ քայլելով առվակի ձախ ափով, իսկ առվակը իմ դիտակետից մի քանի քայլի վրա թափվում էր կենտրոնական լիճը։ Եվ այսպես, ամենալավ տրամադրությամբ քայլեցի դեպի ճամբար, հպարտ իմ գիշերային զբոսանքի արդյունքներով և նորությունների այն կույտով, որ կմատուցեմ ընկերներիս։ Ւհարկե, ամենակարևոր նորությունը ներսից քարայրների լուսավորումն էր, որտեղ, ամենայն հավանականությամբ, ապրում է տրոգլոդիտների ինչ֊որ ցեղ։ Սակայն կենտրոնական լճի իմ դիտողությունները ևս մի բան արժեն։ Կարող եմ հաստատել, որ նա լի է կենդանի արարածներով, և, բացի դրանից կնկարագրեմ մինչպատմական ցամաքային կենդանիների մի քանի նոր տեսակներ, որոնք մինչև այժմ մեզ չեն հանդիպել։ Աշխարհում քիչ կգտնվեն այնպիսի մարդիկ, մգածում էի ես, որոնք մի գիշերվա ընթացքում, և ի՜նչ արտասովոր գիշեր, ― կարողանային այդքան արժեքավոր ներդրում կատարել մարդկային գիտելիքների գանձարանը։ | ||
+ | |||
+ | Կլանված իմ մտքերով, դանդաղ բարձրանում էի բլրալանջով և արդեն մոտավորապես ճամբարի կիսաճամփին էի, երբ ետևիցս լսվող տարօրինակ ձայներն ուշքի բերին ինձ։ Դա խռմփոցի և մռնչյունի միջև ընկած մի ձայն էր՝ խուլ, ցածր ու ահեղ։ Ըստ երևույթին մոտերքում ինչ֊որ գազան հայտնվեց, բայց մթության մեջ ոչինչ չէր երևում։ Քայլերս արագացրի և, մի կես մղոն ևս անցնելով, նորից լսեցի նույն ձայները։ Այս անգամ դրանք ավելի բարձր էին ու սարսափելի։ Սիրտս քար կտրեց այն մտքից, որ մեկը հետապնդում է ինձ։ Սարսռալով զգացի, թե ինչպես գլխիս մազերը բիզ֊բիզ կանգնեցին։ Թող այդ հրեշներն իրար պատառ֊պատառ անեն, այդպես է գոյության կռիվը, բայց որ նրանք հարձակվեն ժամանակակից մարդու, աշխարհի տիրակալի վրա՝ այդ զարհուրելի մտքի հետ չէի կարող հաշտվել։ Աչքիս առաջ նորից հայտնվեց Դանթեի «Դժոխքի» այդ ահավոր տեսիլքը՝ արնաթաթախ մռութ, որը մի ակնթարթ լուսավորեց լորդ Ջոնի վառվող ճյուղով։ Կանգնել և աչքերս չռած նայում էի ետ, դեպի լուսնի լույսով ողողված արահետը․ ծնկներս վախից ծալվում էին։ Այդպիսի բան միայն երազում կարող է լինել․ լռություն, թփերի սև բծեր և լուսնի արծաթավուն պատառներ բացատներում։ Եվ հանկարծ նույն ցածր, կոկորդային մռնչյունը նորից խզեց այդ ահեղ լռությունը։ Նա հնչում էր է՛լ ավելի բարձր, ավելի ու ավելի մոտիկից։ Կասկած լինել չէր կարող․ մեկը հետևում էր ինձ, և հետապնդողի և իմ միջև եղած տարածությունը րոպե առ րոպե կրճատվում էր։ | ||
+ | |||
+ | Կանգնել էի, ոնց որ տեղում մեխված, և չէի կարողանում հայացքս արահետից կտրել։ Եվ հանկարծ նա հայտնվեց։ Բացատի հեռավոր ծայրին, որը ես հենց նոր էի անցել, թփերը ցնցվեցին։ Ինչ֊որ խոշոր, մութ բան անջատվեց նրանից և մի ոստյունով ցատկեց լուսնի լույսով ողոված խոտերի վրա։ «Մի ոստյուն» ասելով, ես բերնիցս չթռցրի, որովհետև հրեշը շարժվում էր կենգուրուի նման ձգված ողջ հասակով մեկ և ետևի ուժեղ զարգացած ոտքերով առաջ մղելով իրեն․ առջևի ոտքերը սեղմված էին փորին։ Այդ գազանի ուժն ու չափերը ապշեցրին ինձ՝ ոնց որ իսկական ծառս եղած փիղ։ Եվ այդ բոլորով հանդերձ այդպիսի դյուրաշարժություն։ Մի պահ մտքումս դեռ մի հույս առկայծեց՝ միգուցե դա անվնաս իգուանադո՞ն է միայն։ Բայց չնայած իմ ամբողջ տգիտության, հասկացա, որ սխալվում եմ։ Եռամատ խոտակեր իգուանադոնի գլուխը փոքր էր, ինչպես եղնիկինը, իսկ այս ճիվաղի գլուխը լայն է, տափակ․ մի խոսքով, իսկական պատճենը այն գազանի դոդոշային մռութի, որ անցած գիշեր վախեցրեց մեզ։ Այն կատաղի մռնչյունն ու համառությունը, որով նա հետապնդում էր ինձ, վկայում էին, որ դա մսակեր դինոզավր է, մեկն այն ամենազարհուրելի գազաններից, որ երբևէ ապրել են երկրի վրա։ Հրեշը մի գլուխ ընկնում էր առջևի թաթերին և քիթը մոտեցնում գետնին, հոտոտելով իմ հետքերը։ Երբեմն հետքերը կորչում էին, բայց դինոզավրը գտնում էր ու նորից վիթխարի ցատկերով հետապնդում ինձ։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ այժմ, լոկ այդ մղձավանջը հիշելիս, սառը քրտինքը պատում է ճակատս։ Ի՞նչ անեի։ Որսորդական հրացանը ձեռքիս էր, բայց ի՞նչ օգուտ հիմա նրանից։ Հուսահատությամբ նայեցի շուրջս որևէ թաքստոց գտնելու, ― ժայռ կամ ծառ, ― բայց այստեղ, խիտ թփուտներում, միայն մատղաշ ծառեր էին, իսկ հետապնդողի համար հավանորեն ոչ մի դժվարություն չէր ներկայացնում եղեգնի նման ջարդել նաև մեծ ծառերը։ Հարկավոր է փախուստի դիմել, ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Բայց ինչպե՞ս վազել քարքարոտ բլրալանջով։ Բարեբախտաբար ժամանակին նկատեցի ճանապարհս հատող լավ տրորված մի կածան։ Մեր հետախուզությունների ընթացքում մենք գազանների կողմից բացած քիչ այդպիսի արահետներ չէինք տեսել։ Եթե վազեմ այդ կածանով, թերևս հաջողվի ազատվել հետապնդումից, մանավանդ որ ես լավ եմ վազում և այժմ ուժս տեղն է։ Անպետք հրացանը մի կողմ նետելով, ես սպրինտի այնպիսի վարպետություն ցույց տվի, որպիսին ցույց չէի տվել ո՛չ մինչև այդ գիշեր, ո՛չ էլ դրանից հետո։ Ոտքերս ծալվում էին, կուրծքս պայթում էր, շունչս դեմ էր առել կոկորդիս, բայց ես, սարսափից հետապնդված, վազում էի առաջ ու առաջ։ Վերջապես, երբ ուժերս արդեն սպառվեցին, կանգ առա։ Մի վայրկյան թվաց, թե հետապնդումը վերջացավ՝ կածանում ոչ ոք չկար։ Եվ հանկարծ նորից ճյուղերի ճրթճրթյուն, հսկա ոտքերի դոփյուն, հզոր թոքերի սուլող շնչառություն․․․ Գազանը հասնում էր։ Նա արդեն բոլորովին մոտ է։ Փրկություն չկա։ | ||
+ | |||
+ | Խելագա՛ր։ Ինչո՞ւ էի փախուստից առաջ այդքան երկար մտածում։ Սկզբում դինոզավրը հույսը դրել էր միայն իր հոտառության վրա, իսկ դա դանդաղեցնում էր հետապնդումը։ Բայց հենց որ ես վազեցի, նա նկատեց ինձ և այդ րոպեից այլևս բաց չէր թողնում։ Էլի մի քանի ոստյուն, և հրեշը երևաց կածանի ոլորապտույտից։ Լուսնի վառ լույսի տակ փայլեցին նրա խոշոր, դուրս ընկած աչքերը, երկշարք ահավոր ատամներով երախը և առջևի կարճ թաթերի սուր֊սուր ճիրանները։ Ես մի վայրի ճիչ արձակեցի և ամբողջ թափով նետվեցի առաջ։ Խռպոտ, ընդհատ շնչառությունն ավելի ու ավելի էր մոտենում։ Ծանր դոփյունը հասավ ինձ։ Եվս մի ակնթարթ, և հրեշը կկախվի մեջքիցս։ Եվ հանկարծ խլացուցիչ ճայթյուն, թռչում եմ դեպի անդունդ, իսկ հետո՝ խավար ու ինքնամոռացություն․․․ | ||
+ | |||
+ | Երբ ուշքի եկա, ― կարծում եմ, որ դա տևեց ընդամենը մի քանի րոպե, ― մի ահավոր, բոլորովին անտանելի գարշահոտություն քթիս խփեց։ Մթության մեջ ափլփեցի և մի ձեռքով շոշափեցի հսկայական մսի կտորի նման ինչ֊որ բան, մյուսով՝ մի ծանր ոսկոր։ Բարձր երկնքում, կանոնավոր ձվածիրի մեջ փայլում էին աստղերը։ Հետևաբար, ես պառկած էի ինչ֊որ խոր փոսի հատակում։ Դժվարությամբ վեր բարձրացա և ոտքից գլուխ շոշափեցի ինձ։ Ամբողջ մարմինս տնքում էր, բայց ոսկորներս անվնաս էին, ոչ մի ջարդվածք չգտա։ Երբ մշուշապատ ուղեղումս դուրս լողացին փոսի մեջ ընկնելուն նախորդող հանգամանքները, սարսափով նայեցի վերև, լիովին համոզված, որ ահա, ուր որ է, դինոզավրի սև գլուխը կերևա գունատվող երկնքի ֆոնին։ Բայց ամեն ինչ լուռ էր, խաղաղ։ Այն ժամանակ ես դանդաղ, շոշափելով անցա փոսի հատակը՝ աշխատելով հասկանալ, թե բախտավոր պատահականությունն ինձ ուր է գցել։ Փոսը խորն էր, թեք պատերով և մոտ քսան ոտնաչափ լայնությամբ հարթ հատակով։ Հատակին թափված էին բոլորովին նեխած մսի կտորներ, որոնցից անտանելի գարշահոտություն էր տարածվում։ Կոխկրտելով այդ լեշերը և շարունակ սայթաքելով՝ ես հանկարծ դեմ առա ինչ֊որ ամուր բանի․ դա փայտե մի ցից էր, խփված ուղիղ փոսի կենտրոնում։ Շոշափեցի այն, ձեռքս սահեց ինչ֊որ կպչուն բանի վրայով, բայց այնպես էլ չհասավ ցցի ծայրին։ | ||
+ | |||
+ | Հանկարծ հիշեցի, որ գրպանումս մոմի լուցկիներ կան։ Մեկը չրթացնելով, իսկույն հասկացա այդ փոսի նշանակությունը։ Կասկածել չէր կարելի․ դա մարդու ձեռքով փորված ծուղակ էր։ Կենտրոնում տնկած ինը ոտնաչափ բարձրությամբ սուր ցիցը ամբողջովին սևացել էր վրան խրված կենդանիների արյունից։ Հատակին թափված հոտած մսի կտորները, հավանորեն, ցցի վրայից էին կտրատված, որպեսզի տեղն ազատվի հետևայլ զոհերի համար։ | ||
+ | |||
+ | Հիշեցի Չելենջերին, որը պնդում էր, թե մարդը պաշտպանության իր թույլ միջոցներով չի կարող ապրել նման հրեշներով բնակեցված սարահարթում։ Բայց այժմ գազանների դեմ նրանց պայքարի ձևերն ինձ համար պարզվեցին։ Նեղ մուտքերով քարայրները ծառայութմ էին իբրև հուսալի ապաստան իրենց բնակիչների համար, ովքեր էլ որ դրանք լինեին։ Այդ մարդկային արարածների մտավոր գերազանցությունը վիթխարի թեփամորթների նկատմամբ, ըստ երևույթին, այնքան մեծ էր, որ թույլ էր տալիս նրանց՝ գազանների կածաններում ճյուղերով քողարկված ծուղակներ պատրաստել, որոնց մեջ, հակառակ իրենց ամբողջ ուժին ու ճարպկության, նրանց թշնամիները զոհվում էին։ Այստեղ էլ մարդն իշխում էր աշխարհի վրա։ | ||
+ | |||
+ | Փոսից դուրս գալու համար առանձին ճարպկություն չէր պահանջվում, բայց ես երկար ժամանակ սիրտ չէի անում՝ վախենալով ընկնել հրեշի ճանկը, որը քիչ մնաց ինձ պատառ֊պատառ աներ։ Ի՞նչ իմանաս, միգուցե դինոզավրը հետևում է իր զոհին՝ թաքնված թփերի մեջ։ Բայց ես հիշեցի Չելենջերի ու Սամերլիի միջև տեղի ունեցած մի խոսակցություն, որ վերաբերում էր այդ հսկա սողունների սովորություններին, և մի փոքր սրտապնդվեցի։ Երկու պրոֆեսորն էլ համամիտ էին, որ դինոզավրի պլաստիկ գանգում տեղ չկա բանականության համար, և որ ըստ երևույթին դրանք բոլորովին անուղեղ կենդանիներ են, որոնք երկրի երեսից չքացել են գոյության փոփոխվող պայմաններին բոլորովին հարմարվել չկարողանալու հետևանքով։ | ||
+ | |||
+ | Նախքան ինձ հսկելը դինոզավրը պետք է հասկանար, թե ինչ պատահեց, բայց դրա համար պահանջվում էր պատճառի ու հետևանքի միջև կապ հաստատելու ունակություն։ Շատ ավելի հավանական է, որ այդ հիմար կենդանին, որը գործում էր միայն գիշատական բնազդի թելադրանքով, սկզբից շշմել էր զարմանքից, իսկ հետո գնացել նոր որս որոնելու։ Բարձրացա մինչև փոսի բերանը և նայեցի չորս կողմս։ Աստղերը մարեցին, երկինքն սկսեց գունատվել, և լուսադեմի մեղմ հովը հաճելի զովությամբ փչեց դեմքիս։ Իմ թշնամին ոչ մի կերպ ցույց չէր տալիս իր ներկայությունը։ Դանդաղ դուրս եկա փոսից և նստեցի հողին, պատրաստվելով ամենաչնչին տագնապի դեպքում իսկ ցատկել իմ ապաստարանը։ Ապա մի փոքր սրտապնդված շուրջս թագավորող լռությամբ և լույսի բացվելով, հանգստացա և գաղտագողի ետ դարձա նույն կածանով։ Մի քանի րոպեից հետո տեսա իմ հրացանը, վերցրի այն, դուրս եկա առվակի մոտ, որն իմ ուղեցույցն էր, և արագ քայլեցի դեպի ճամբար՝ ստեպ֊ստեպ շուռ գալով և վախեցած հայացքներ նետելով այս ու այն կողմ։ | ||
+ | |||
+ | Եվ հանկարծ քամին ինձ հիշեցրեց ընկերներիս գոյությունը։ Խաղաղ առավոտվա լռությունը խզվեց հրացանի հեռավոր կրակոցի ձայնից։ Կանգ առա ու ականջ դրի՝ ամեն ինչ հանգիստ էր։ «Արդյոք բան չի՞ պատահել նրանց», ― անցավ մտքովս։ Բայց իսկույն էլ հանգստացա՝ գտնելով այդ կրակոցի ավելի պարզ ու բնական բացատրությունը։ Սկսեց լուսանալ։ Իհարկե, իմ բացակայությունն արդեն նկատած կլինեն։ Հավանորեն, ընկերներս մտածել են, թե մոլորվել եմ անտառում, և ահա կրակում են, որպեսզի օգնեն ինձ ճամբար հասնելու։ Ճիշտ է, կրակելը մեզ մոտ արգելված էր, բայց եթե նրանք մտածել են, որ ինձ վտանգ է սպառնում, հազիվ թե այդ բանը նրանց ետ պահեր։ Հարկավոր է որքան կարելի է շուտ ճամբար վերադառնալ և տագնապը հանդարտեցնել։ | ||
+ | |||
+ | Գիշերվա ընթացքում խիստ տանջվել էի ու հոգնել, այնպես որ ինչքան էլ ուզեի, չէի կարող արագ քայլել։ Բայց ահա վերջապես սկսվեցին ծանոթ վայրերը։ Ձախ կողմում պտերոդակտիլների ճահիճն էր, իսկ շուտով կգար իգուանադոնների բացատը։ Այժմ անտառի մի բարակ շերտ էր միայն բաժանում ինձ Չելենջերի ամրոցից։ Ես ուրախ ձայն տվի՝ շտապելով հանգստացնել ընկերներիս։ Պատասխան չեղավ։ Չորս կողմը չարագույժ լռություն էր տիրում։ Սիրտս ճմլվեց։ Քայլերս արագացրի։ Հետո սկսեցի վազել։ Ահա և ցանկապատը՝ նա անվնաս է, մուտքի մոտ անցկալ չկա։ Թափով ներս ընկա, վաղ առավոտի լույսի տակ մի զարհուրելի տեսարան բացվեց աչքերիս առաջ։ Մեր իրերը ցաքուցրիվ թափված էին բացատում․ ուղեկիցներս ոչ մի տեղ չկային, իսկ մարող խարույկի մոտ, խոտերի վրա, կարմրին էր տալիս մի մեծ արյան լիճ։ | ||
+ | |||
+ | Այնպես ցնցված էի այդ անակնկալից, որ մի պահ կորցրի մտածելու ունակությունս։ Հիշում եմ միայն, ինչպես ծանր մղձավանջ, թե ոնց էի անտառով դեսուդեն վազվզում ամայի ճամբարի շուրջը, ինչպես էի հուսահատորեն ձայն տալիս ընկերներիս։ Բայց անտառի թավուտը լուռ էր։ Սարսափելի մտքերը խելքամաղ էին անում ինձ։ Իսկ եթե այլևս նրանց չտեսնե՞մ։ Իսկ եթե մենակ մնամ այս ահավոր վայրո՞ւմ և այլևս երբեք չկարողանամ աշխարհ վերադառնա՞լ։ Իսկ եթե ճակատագիրն ինձ դատապարտի այստեղ ապրելու և մեռնելո՞ւ․․․ Ուզում էի մազերս պոկոտել ու հուսահատությունից գլուխս զարկել գետնին։ Միայն այժմ հասկացա, թե ինչպիսի հենարան էին ինձ համար ընկերներս՝ և՛ Չելենջերն իր անխռով ինքնավստահությամբ, և՛ լորդ Ռոքստոնը՝ սառնարյուն, տիրական, հումորի զգացումը երբեք չկորցնող։ Առանց նրանց ես նման էի թույլ, անօգնական երեխայի, որին թողել են մենակ խավարում։ Ո՞ւր գնամ, ինչի՞ց սկսեմ։ | ||
+ | |||
+ | Բայց ահա կամաց֊կամաց ուշքի եկա և սկսեցի մտածել, թե ի՞նչ չար ճակատագիր է վիճակվել իմ ուղեկիցներին։ Ճամբարում տեղի ունեցած ավերմունքը վկայում էր, որ նրանք, հավանորեն, հարձակման էին ենթարկվել հենց այն պահին, երբ ես կրակոցը լսեցի, նշանակում է ամեն ինչ վերջացել էր վայրկյենապես։ Հրացաններն ընկած էին գետնին, իսկ նրանցից մեկի փակաղակին, որը լորդ Ռոքստոնինն էր, երևում էր մի դատարկ պարկուճ։ Դատելով Չելենջերի և Սամերլիի՝ խարույկի մոտ ընկած վերմակներից, փորձանքը վրա էր հասել նրանց քնի ժամանակ։ Փամփուշտների և սննդամթերքի արկղերը թափթփված էին բացատով մեկ․ հենց այդտեղ էլ նկատեցի մեր լուսանկարչական ապարատներն ու թիթեղատուփերը։ Այդ բոլորը մնացել էր անվնաս, մինչդեռ արկղերից հանած ահագին սննդամթերքը չքացել էր։ Հետևաբար, հարձակումը ճամբարի վրա կատարել էին ոչ թե մարդիկ, այլ գազանները, հակառակ դեպքում հավանորեն ոչինչ չէր մնա։ | ||
+ | |||
+ | Բայց եթե իրոք գազաններ են եղել կամ մի որևէ հրեշ, ապա ի՞նչ է պատահել իմ ուղեկիցներին։ Գիշատիչները, իհարկե, կպատառոտեին նրանց, բայց որտե՞ղ են մնացորդները։ Ճիշտ է, արյան գուբը բավական պերճախոս վկայում էր կատարվածի մասին, իսկ գիշերն ինձ հետապնդող դինոզավրը կարող էր զոհին այնպիսի հեշտությամբ տանել, ինչպես կատուն մկանը։ Այդ դեպքում մնացած երկուսը, հավանորեն, ընկել էին նրա ետևից։ Բայց ինչո՞ւ նրանք հրացան չեն վերցրել հետները։ Հոգնած, տանջահար ուղեղս հրաժարվում էր այդ հանելուկը լուծել։ Փնտրումներս անտառում նույնպես ոչ մի արդյունք չտվին։ Ես մոլորվեցի և միայն բախտավոր պատահականությամբ նորից դուրս եկա ճամբար՝ մոտ մի ժամ կորցնելով դրա վրա։ | ||
+ | |||
+ | Այդ ժամանակ գլխումս մի միտք ծագեց, որոնց մեջ որոշ մխիթարական բան կար։ Այնուամենայնիվ, ես այստեղ բոլորովին մենակ չեմ։ Քարափի ստորոտին մնացել է հավատարիմ Սամբոն։ Նա կլսի իմ ձայնը։ Մոտեցա զառիթափին և նայեցի ներքև։ Դե իհարկե, ահա նա նստած է խարույկի մոտ, վերմակի վրա։ Բայց այնտեղ մի ուրիշ մարդ էլ կա։ Ո՞վ է դա։ Սիրտս դողաց ուրախությունից։ Միգուցե ընկերներիցս որևէ մե՞կն է ներքև իջնելու հնարը գտել։ Բայց բավական էր մի փոքր ավելի ուշադիր նայեի, և հույսս մարեց։ Սամբոյի մոտ նստած մարդու դեմքը ծագող արևի շողերի տակ կարմրին էր տալիս։ Դա հնդկացի էր։ Բարձր գոռացի՝ թափահարելով թաշկինակս։ Սամբոն գլուխը վեր բարձրացրեց, ի պատասխան թափահարեց ձեռքը և վազեց դեպի ժայռը։ Չանցած մի քանի րոպե նա արդեն կանգնած էր ժայռի կատարին, բոլորովին մոտիկ և կսկծալի լռության մեջ լսում էր իմ պատմությունը։ | ||
+ | |||
+ | ― Չարքը նրանց տարավ, միստր Մելոուն, ― ասաց Սամբոն։ ― Դուք եկել եք չարքի երկիր, և նա ձեզ բոլոր տանի իր մոտ։ Լսեք՝ Սամբո ինչ ասի, սըր, շուտ ցած իջեք, թե չէ փորձանք գա ձեր գլուխ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս իջնեմ, Սամբո։ | ||
+ | |||
+ | ― Միստր Մելոուն, կտրեք ծառերից լիանաներ, գցեց էստեղ։ Ես ծայրը կապեմ կոճղին, դառնա կամուրջ։ | ||
+ | |||
+ | ― Մենք էլ ենք այդ մասին մտածել։ Բայց լիանաները մեր ծանրությանը չեն դիմանա։ | ||
+ | |||
+ | ― Ուղարկեք պարան բերի, միստր Մելոուն։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւմ ուղարկեմ և որտեղ։ | ||
+ | |||
+ | ― Ուղարկեք հնդկացիների ավան, սըր։ Էնտեղ կաշվից շատ պարան կա, նրան ուղարկեք։ | ||
+ | |||
+ | ― Նա որտեղի՞ց լույս ընկավ։ | ||
+ | |||
+ | ― Էդ մեր հնդկացի։ Նրա ձեռից ամեն ինչ խլել, իրեն ծեծել։ Նա ետ եկել։ Հիմի նա վերցնի նամակ, պարան բերի՝ ամեն բան անի։ | ||
+ | |||
+ | Նամակ կվերցնի․․․ Այդ հո լա՜վ միտք է։ Միգուցե որևէ մեկը օգնությա՞ն գա մեզ։ Բայց եթե նույնիսկ մեզ չփրկեն, գոնե այն հայտնագործությունները, որոնցով մենք հարստացրինք գիտությունը, կհասնեն մեր բարեկամներին, և աշխարհը կիմանա, որ մենք անտեղի չմեռանք։ Երկու նամակ արդեն պատրաստ ունեի։ Այսօրվա ընթացքում կգրեմ երրորդը, որի մեջ դեպքերի ընթացքը կհասցվի մինչև վերջին րոպեն։ Հնդկացին իմ նամակները կհասցնի այնտեղ, աշխարհ։ | ||
+ | |||
+ | Պատվիրեցի Սամբոյին երեկոյան դեմ մի անգամ ևս բարձրանալ ժայռի վրա, և այդ ամբողջ հուսահատ օրը նվիրեցի նախորդ գիշեր գլխովս անցած արկածների նկարագրությանը։ Նամակներին կցեցի նաև մի կարճ գրություն, որը հնդկացին պետք է հասցնի առաջին պատահած սպիտակամորթին՝ լինի դա առևտրական, թե որևէ նավի կապիտան։ Գրության մեջ ասված էր, որ մեր կյանքը կախված է նրանից՝ ճոպաններ կուղարկե՞ն մեզ, թե ոչ։ Երեկոյան բոլոր նամակներն ու քսակս՝ երեք ֆունտ ստեռլինգով փոխանցեցի Սամբոյին։ Փողը հնդկացու համար էր, իսկ ճոպանների դիմաց կրկնակի գումար էի խոստացել նրան։ | ||
+ | |||
+ | Այժմ դուք կհասկանաք, թանկագին միստր Մակ֊Արդլ, թե իմ նամակներն ինչպես հասան ձեզ, և կիմանաք ամբողջ ճշմարտությունը ձեր ձախորդ թղթակցի մասին, եթե այն այլևս ոչ մի տող էլ գրելու չլինի։ Հիմա ես այնքան տանջված եմ ու ընկճված, որ հազիվ թե որևէ ծրագիր կազմեմ։ Վաղը կմտածեմ ապագայի մասին և, ճամբարի հետ կապս չխզելով, կսկսեմ դժբախտ ընկերներիս որոնել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XIII «Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը»== | ||
+ | |||
+ | |||
+ | Այդ տխուր օրը, արևի մայրամուտի ժամանակ, ներքևում տեսա հեռացող հնդկացուն՝ փրկության մեր վերջին հույսը, և հայացքով այնքան ուղեկցեցի նրա միայնակ, պստլիկ կերպարանքը, մինչև որ նա թաղվեց երեկոյան վարդագույն մշուշում, որը դանդաղորեն բարձրանում էր իմ և հեռավոր Ամազոնի միջև։ | ||
+ | |||
+ | Արդեն բոլորովին մութն էր, երբ քարշ եկա դեպի մեր ավերված ճամբարը՝ մի վերջին հայացք ևս գցելով Սամբոյի խարույկի վրա՝ լույսի այդ միակ ճառագայթի, որ հասնում էր ինձ հսկայական աշխարհից և հայացքս շոյում այնպես, ինչպես հավատարիմ նեգրի ներկայությունը շոյում էր իմ մթագնաց հոգին։ Բայց առայժմ, առաջին անգամ գլխիս եկած փորձանքից հետո, մի քիչ սրտապնդվեցի, մխիթարելով ինձ այն մտքով, որ աշխարհը կիմանա մեր գործերի մասին և հիշողության մեջ կպահի մեր անունները՝ ընդմիշտ կապելով դա այն հայտնագործումների հետ, որոնք ձեռք կբերվեն, հավանորեն, մեր կյանքի գնով։ | ||
+ | |||
+ | Սարսափելի էր այդ չարաբաստիկ ճամբարում գիշերելը, իսկ ջունգլիներն ավելի էին վախեցնում ինձ։ Սակայն անհրաժեշտ էր ընտրություն կատարել մեկի և մյուսի միջև։ Խոհեմությունը պահանջում էր, որ արթուն լինեմ, բայց հոգնատանջ մարմինս դժվարությամբ էր կռվում քնի դեմ։ Բարձրանալով գինգհո ծառի վրա, իզուր էի նրա ներքևի ճյուղերին այնպիսի մի տեղ փնտրում, ուր կարելի լիներ քնել, առանց անխուսափելի անկումից վիզս ջարդելու վտանգի։ | ||
+ | |||
+ | Ստիպված էի իջնել ու որոշել, թե հիմա ինչ անեմ։ Երկար մտածելուց հետո ճամբարի մուտքը ծածկեցի թփերով, եռանկյունաձև երեք խարույկ վառեցի, կուշտ ընթրեցի և խոր քուն մտա, որը լուսադեմին ընդհատվեց ամենաանակնկալ ու հաճելի ձևով։ | ||
+ | |||
+ | Վաղ առավոտյան ինչ֊որ մեկի ձեռքն իջավ ուսիս։ Դողահար վեր թռա, խլեցի հրացանը և հանկարծ ուրախ ճչացի՝ ճանաչելով լորդ Ջոնին, որը լուսադեմի դժգույն կիսախավարում խոնարհվել էր ինձ վրա։ | ||
+ | |||
+ | Այո, այդ նա էր, բայց ինչպիսի փոփոխություն էր կատարվել նրա մեջ։ Վերջին անգամ լորդ Ջոնին տեսել էի հանգիստ, զուսպ, մաքուր սպիտակ կոստյումով։ Այժմ նա կանգնել էր իմ առաջ գունատ, աչքերը վայրի կերպով հածում էին չորս կողմ, կուրծքը ուռչում էր ծանրությամբ, ինչպես երկար, սրընթաց վազքից հետո, գլուխը բաց էր, նիհար դեմքը ճանկռոտված ու արյունաթաթախ, կոստյումը՝ ծվեն֊ծվեն։ Նայում էի նրան, ապշած այդ տեսարանից, բայց նա թույլ չտվեց նույնիսկ բերան բանալ և սկսեց բացատում ցրված իրերը հավաքել, կարճ, կցկտուր խոսքեր նետելով։ | ||
+ | |||
+ | ― Շուտ, երիտասարդ, շուտ։ Ամեն րոպեն թանկ է։ Վերցրեք հրացանը՝ երկուսն էլ։ Մնացածները ինձ մոտ են։ Փամփուշտ որքան կարելի է շատ։ Գրպաններդ լցրեք։ Այժմ՝ ուտելիք։ Վեց տուփ հերիք է։ Այսպես։ Ոչ մի բան մի՛ հարցրեք, դատողություններ մի՛ արեք։ Դե, վազենք, թե չէ ուշ կլինի։ | ||
+ | |||
+ | Դեռևս ինչպես հարկն է չարթնացած, առանց հասկանալու, թե այդ բոլորը ի՞նչ է նշանակում, սլացա անտառով լորդ Ջոնի ետևից, երկու հրացանները թևերիս տակ և պահածոների վեց տուփերը ձեռքիս։ Նա ընտրում էր ամենախիտ, դժվարանցելի մացառուտները։ Վերջապես դուրս բերեց ինձ բարձր թփերի մոտ։ Մենք նետվեցինք նրանց մեջ՝ առանց փշերի վրա ուշադրություն դարձնելու։ Լորդ Ջոնը բերանքսիվայր ընկավ գետնին և ինձ քարշ տվեց իր ետևից։ | ||
+ | |||
+ | ― Դե, ահա, ― հազիվհազ խոսեց նա։ ― Կարծես մենք հիմա ապահով ենք։ Նրանք կհարձակվեն ճամբարի վրա, դա հաստատա է, և կսխալվեն իրենց հաշիվներում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել, ― հարցրի ես շունչս ետ բերելով։ ― Ո՞ւր են պրոֆեսորները։ Ո՞վ է հետապնդում մեզ։ | ||
+ | |||
+ | ― Մարդակապիկները, ― շշնջաց լորդ Ջոնը։ ― Տե՛ր աստված, այդ ի՜նչ հրեշներ են։ Կամաց խոսենք։ Նրանք սուր լսողություն ունեն, տեսողությունը նույնպես զարմանալի է, դրա փոխարեն, որքան կարողացա նկատել, ամենաչնչին հոտառություն իսկ չունեն։ Հետքերով նրանք մեզ չեն գտնի։ Ո՞ւր էիք կորել, երիտասարդ։ Ձեր բախտը բերեց, շնորհակալ եղեք ճակատագրին, որ չընկաք այդ տուրուդմփոցի մեջ։ | ||
+ | |||
+ | Ես շշուկով պատմեցի նրան իմ արկածների մասին։ | ||
+ | |||
+ | ― Այո, մեր գործերը վատ են, ― ասաց լորդ Ջոնը՝ լսելով դինոզավրի ու ծուղակի մասին։ ― Սա ձեզ համար առողջարան չէ։ Բայց և այնպես այստեղի հրաշալիքների մասին լրիվ պատկերացում ստացա այն րոպեին, երբ այդ դևերը հարձակվեցին մեզ վրա։ Ես մի անգամ եղել եմ մարդակեր պապուասների ձեռքում, բայց նրանք իսկական հրեշտակներ են այս հրեշների համեմատությամբ։ | ||
+ | |||
+ | ― Պատմեք, թե ինչպես եղավ, ― խնդրեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դա պատահեց լուսադեմին։ Մեր գիտնական բարեկամները նոր էին աչքները բացել և նույնիսկ դեռ չէին կպել իրար։ Եվ հանկարծ չգիտես որտեղից հայտնվեցին կապիկները։ Պարզապես թափվեցին մեր գլխին, ինչպես խնձորները ծառից։ Նրանք, հավանորեն, դեռ մթով չորս կողմից ծեփվել էին այն բարձր ծառին, որի վրա դուք բարձրացաք։ Մեկին տեղն ու տեղը գնդակահարեցի։ Սակայն բանը դրանով էլ վերջացավ՝ մի ակնթարթում մեզ մեջքի վրա գցեցին։ Ես այդ դևերին կապիկ եմ անվանում, բայց նրանք թափահարում էին փայտերը, քարեր շպրտում մեզ վրա, իրենց լեզվով բլբլացնում իրար հետ և, ի լրումն այս ամենին, լիանաներով կապոտեցին ձեռքներս։ Սրանք մարդակապիկներ էին, իրենց զարգացմամբ ավելի բարձր կանգնած այն բոլոր գազաններից, որոնց պատահել եմ իմ թափառումների ժամանակ, իսկ ես, փառք աստծո, շատ եմ չափչփել լույս աշծարհը։ Ինչպես ասում են՝ «պակասող օղակ»։ Դե, պակասում է, սատանան իր հետ, առանց դրան էլ յոլա կգնայինք։ Իսկ հետո այսպես եղավ։ Նրանք վերցրին իրենց վիրավոր ցեղակցին, որի վերքից արյունը դուրս էր հորդում, ինչպես մորթած խոզից, և տարան ինչ֊որ տեղ, իսկ հետո օղակաձև նստեցին մեր շուրջը։ Մռութները կատաղի էին, ասես թե ահա՛, ահա՛ կպատառոտեն քեզ։ Հասակով, թերևս, մարդու չափ լինեին, բայց շատ ավելի լայն էին, թիկնեղ։ Նստել ու նայում էին, նայում էին մեզ․․․ Հոնքերը կարմրաշեկ էին, կախ ընկած, աչքերն ինչ֊որ տարօրինակ, ասես պղտոր ապակուց։ Նույնիսկ Չելենջերը, որ բոլորովին վախկոտ չէ, իրեն մի տեսակ վատ զգաց։ Այլևս չդիմանալով՝ նա վեր թռավ տեղից և բղավեց․ «Վերջ տվեք մեզ, հերիք է քաշքշեք»։ Ըստ երևույթին այդ ամենից նրա միտքը շաղվել էր՝ մի տեսակ շատ էր մոլեգնում։ Կապիկների փոխարեն եթե նրա առաջ իր երդվյալ թշնամիները՝ ռեպորտյորները լինեին, դարձյալ ավելի քիչ կտուժեին։ | ||
+ | |||
+ | ― Դե, իսկ կապիկները ինչպե՞ս։ | ||
+ | |||
+ | Ես ագահությամբ ականջ էի դնում լորդ Ջոնին, որը շշուկով պատմում էր այդ ապշեցուցիչ դեպքերի մասին՝ միաժամանակ նայելով չորս կողմը՝ առանց ձեռքը վերցնելու հրացանից, որի հրահանը ձգած էր։ | ||
+ | |||
+ | ― Ես մտածում էի, թե վերջներս եկել է։ Բայց բոլորովին էլ այդպես չէ։ Կապիկները բլբլացրին, ճղավեցին։ Հետո մեկը մոտեցավ Չելենջերին և կանգնեց նրա մոտ։ Հիմա դուք կծիծաղեք, երիտասարդ, բայց որքա՜ն նման էին նրանք իրար՝ ոնց որ մոտիկ ազգականներ։ Ես ինքս էլ չէի հավատա, բայց աչքերս սուտ չեն ասում։ Այդ ծերուկ մարդակապիկը, ըստ երևույթին ցեղի առաջնորդը, Չելենջերի ճշգրիտ պատճենն էր, միայն թե կարմրաշեկ պատճենը։ Իսկ մեր բարեկամի մնացած բոլոր հմայիչ նշանները առկա էին, ճիշտ է, մի փոքր չափազանցված ձևով։ Քառկուսի իրան, լայն ուսեր, դուրս ընկած կուրծ, պարանոցի լիակատար բացակայություն, երկար կարմրաշեկ մորուք, փրչոտ հոնքեր և նույնպիսի ամբարտավան տեսք, իբրև թե, բոլորդ էլ կորե՛ք գրողի ծոցը։ Մի խոսքով, լրիվ նմանություն։ Երբ այդ հրեշը կանգնեց Չելենջերի կողքին և թաթը դրեց նրա ուսին, ցնցող տպավորություն թողեց։ Սամերլին, որ մի փոքր հիստերիկ տրամադրության մեջ էր, նայելով նրանց, քրքջաց արտասվելու աստիճան։ Սկզբում կապիկներն էլ ծիծաղեցին, եթե այդպիսի կչկչոցը կարելի է ծիծաղ համարել, իսկ հետո բռնեցին մեզ ու քարշ տվին անտառ։ Իրերին ու հրացաններին ձեռք չտվին, ինչպես երևում է վախենում էին, բայց ահա արկղերից հանած ողջ սննդամթերքը վերցրին հետները։ Ճամփին ինձ ու Սամերլիին լա՜վ տուր տվին՝ հիացեք իմ կերպարանքին ու այս ցնցոտիներին նայելով։ Նրանք մեզ քարշ էին տալիս մացառուտների միջով, իսկ իրենց հեչ վեջն էլ չէր․ նրանց կաշին դաբաղած է։ Չելենջերն էլ բոլորովին չտուժեց։ Չորս կապիկ բարձրացրին նրան իրենց ուսին և տարան, ինչպես հռոմեական հաղթահերոսի։ Ս֊ս՜․․․ Այս ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | Ինչ֊որ հեռվից մեզ հասավ մի տարօրինակ ճթճոց, որը հիշեցնում էր կաստանիետների մանրիկ կոտորակ։ | ||
+ | |||
+ | ― Նրա՛նք են, ― շշնջաց ընկերս՝ փամփուշտներ դնելով «Էքսպրեսի» երկրորդ փողի պահեստատուփի մեջ։ ― Երկու հրացանն էլ լցրեք, երիտասարդ, կենդանի անձնատուր չենք լինի, դրա մասին չմտածեք։ Լսո՞ւմ եք, ինչպես են ճվաղում։ Ուրեմն, ինչ֊որ բանից հուզված են։ Սպասե՛ք, աղավնյակներս, փորձեցեք միայն այստեղ խցկվել։ | ||
+ | |||
+ | ― Նրանք ինչ֊որ շատ հեռու են։ | ||
+ | |||
+ | ― Այդ ոհմակը այստեղ չի հասնի, բայց հավանորեն նրանց հետախույզները չափչփում են ամբողջ անտառը։ Դե լավ, դառնանք իմ տխուր պատմությանը։ Այսպես, ահա, այդ դևերը մեզ քարշ տվին քարափի մոտ գտնվող մի մեծ պուրակ։ Նրանք այնտեղ ծառերի վրա մի իսկական քաղաք ունեն՝ ճյուղերից ու տերևներից պատրաստված մոտ հազար խրճիթ։ Դա այստեղից երեք֊չորս մղոնի վրա է։ Նողկալի՝ արարածներ։ Ինձ թվում է, որ նրանց հետ շփվելուց հետո, այլևս երբեք չեմ մաքրվի։ Նրանք իրենց կեղտոտ թաթերով շոշափեցին ամբողջ մարմինս։ Պուրակում մեր ոտ ու ձեռքերը կապոտեցին։ Ես ընկա մի այնպիսի ճարպիկի ձեռք, որը հիանալի ծովային հանգույցներ կկապեր, ոնց որ իսկական բոցման։ Այսպես ահա, մեզ կապոտեցին ու պառկեցրին ծառի տակ՝ պահակ նշանակելով մահակով զինված մի հաղթանդամ կապիկի։ Ես շարունակ ասում եմ «մեզ» հա «մեզ», բայց դա վերաբերում է միայն ինձ ու Սամերլիին։ Ինչ վերաբերում է Չելենջերին, ապա նա նստել էր ծառի վրա, ուտում էր ինչ֊որ մրգեր և կյանք քաշում։ Ասենք, նա մեզ էլ որոշ բաներ բաժին հանեց, իսկ որ գլխավորն է, աննկատելիորեն թուլացրեց մեր կապանքները։ Դուք հավանորեն չկարողանայիք ծիծղներդ պահել, տեսնելով, թե ինչպես էր մեր պրոֆեսորը բազմել ծառի վրա, համարյա գրկախառնված իր երկվորյակի հետ, և թավ բասով երգում էր «Օ՛, զրնգուն ցանգակ»։ Այո, դուք կծիծաղեք, իսկ մենք ծիծաղելու տրամադրություն չունեինք։ Չելենջերին թույլատրված էր անել, ինչ կամենա, հասկանալի է՝ որոշ սահմաններում, բայց մեր նկատմամբ խիստ ռեժիմ էր սահմանված։ Միակ բանը, որ մեզ մխիթարում էր, դա այն էր, որ դուք ազատ եք և կպահպանեք մեր բոլոր գրառումներն ու նյութերը։ | ||
+ | |||
+ | Իսկ այժմ, սիրելի երիտասարդ, լսեք ու զարմացեք։ Դուք պնդում եք, թե դատելով որոշ նշաններից, ― խարույկներ, ծուղակներ և այլն, ― սարահարթում մարդիկ կան։ Իսկ մենք տեսանք այդ մարդկանց։ Եվ պետք է ասել, որ այդ խեղճերը խիստ տխուր պատկեր են ներկայացնում իրենցից։ Թշվառ, ահաբեկված մի ժողովուրդ։ Ասենք, դա զարմանալի էլ չէ։ Ըստ երևույթին, մարդկային ցեղը գրավում է սարահարթի այն մասը որտեղ քարայրներն են, իսկ կապկային ցեղը՝ մյուս մասը, և երկու ցեղերի միջև կյանքի ու մահու կռիվ է գնում։ Ահա թե գործերն այստեղ ինչպես են, եթե ինձ հաջողվեց ճիշտ գլուխ հանել դրանցից։ | ||
+ | |||
+ | Երեք մարդակապիկներ տասներկու բնիկ էին գերել և քարշ տվել իրենց քաղաքը։ Դա ուղեկցվում էր այնպիսի աղմուկ֊աղաղակով, որ պարզապես ականջներիս չէի հավատում։ Բնիկները բոլորովին կարճահասակ կարմրամորթներ են։ Ճամփին այդ գազանները ճանկերով ու ատամներով այնպես էին քրքրել նրանց, որ խեղճերը հազիվ էին ոտքները շարժում։ Երկուսին տենուտեղը վերջ տվին, ըստ որում մեկի ձեռքը քիչ մնաց պոկեին։ Ընդհանրապես տեսարանը նողկալի էր։ Այդ դժբախտները շատ լավ պահեցին իրենց, նույնիսկ ծպտուն չհանեցին, իսկ մենք պարզապես չէինք կարողանում նայել նրանց։ Սամերլին ուշաթափվեց։ Նույնիսկ Չելենջերը հազիվհազ էր դիմանում․․․ Դե, կարծես հեռացան։ | ||
+ | |||
+ | Երկար ականջ էինք դնում անտառի խոր լռությանը, բայց ոչինչ չէր խանգարում այն, բացի թռչունների ծլվլոցից։ Լորդ Ջոնը կրկին իր պատմությանը վերադարձավ։ | ||
+ | |||
+ | ― Ձեր բախտը շատ լավ բանեց, երիտասարդ։ Կապիկներն այնքան տարվեցին բնիկներով, որ մեզ մոռացան։ Բայց եթե դա չլիներ, անխուսափելի էր ճամբարի վրա երկրորդ հարձակումը։ Դուք բոլորովին իրավացի դուրս եկաք․ նրանք ամբողջ ժամանակ ծառի վրայից հետևում էին մեզ և շատ լավ հասկացան, որ մի հոգի պակասում է։ Բայց հետո արդեն նրանք ձեզ մոռացան։ Ահա ինչու ձեր արթնանալով դուք պարտական եք ինձ և ոչ թե կապիկների ոհմակին։ Աստված իմ, ինչե՜ր քաշեցինք հետո։ Դա ինչ֊որ մղձավանջ է։ Հիշո՞ւմ եք բամբուկի մացառուտը, ուր մենք գտանք ամերիկացու կմախքը։ Ահա ուրեմն, դա ընկնում է ուղղակի կապկային քաղաքի տակ, և կապիկներն այդտեղից ցած են գլորում իրենց գերիներին։ Համոզված եմ, որ այնտեղ կմախքների սար է գոյացել, հարկավոր է միայն փնտրել ինչպես հարկն է։ Քարափի եզրին նրանք հրապարակ են պատրաստել այդպիսի արարողությունների համար։ Դժբախտ գերիներին հարկադրում են մեկ֊մեկ ցատկել անդունդը, և ամբողջ հետաքրքրությունն այն է՝ արդյոք նրանք կջախջախվե՞ն գետնին զարկվելով, թե կխրվեն բամբուկների վրա։ Կապիկների ամբողջ ցեղը շարժվեց զառիթափի եզրին, մեզ ևս քարշ տվին այդ տեսարանով հիանալու։ Առաջին հինգ հնդկացիները ցած թռան, և բամբուկն անցավ նրանց մարմնի միջով։ Ես այժմ չեմ զարմանում՝ հիշելով խեղճ յանկիի կմախքը։ Այո, զարհուրելի տեսարան էր․․․ բայց միաժամանակ հափշտակիչ։ Կախարդվածի նման հետևում էինք այդ թռիչքներին, չնայած ամեն մեկս մտածում էր՝ հիմա կհասնի իմ հերթը։ | ||
+ | |||
+ | Սակայն դրան չհասավ։ Հինգ հնդկացիների պահեցին այսօրվա համար, բայց բենեֆիցիարներ լինելու ենք մենք՝ Սամերլին և ես։ Չելենջերը, հավանորեն, դուրս պրծնի։ Կապիկներին հասկանալն այնքան էլ դժվար չէ, որովհետև նրանք նշաններով են բացատրվում։ Եվ ահա, հետևելով նրանց բանակցություններին, ես որոշեցի, որ գործելու ժամն է։ Արդեն որոշ պլաններ ունեի։ Բայց ստիպված էի հույսս դնել միայն իմ ուժերի վրա՝ Սամերլիից ոչ մի օգուտ, իսկ Չելենջերը նրանից քիչ բանով էր լավ։ Նրանց հաջողվեց մի քանի րոպեով մետենալ իրար, և տեղնուտեղը կատաղի վեճ ծագեց այդ կարմրաշեկ դևերի գիտական դասակարգման շուրջը, դևեր, որոնք մեզ պահում էին իրենց ձեռքում։ Մեկը պնդում էր, որ դրանք հավաննական դրիոպիտեկներ<ref>Դրիոպիտեկ ― մարդանման կապիկ, ազգակից՝ գորիլլային, շիմպանզեին և օրանգուտանին։</ref> են, մյուսը անվանում էր դրանց պիտեկանտրոպներ։<ref>Պիտեկանտրոպ ― կապկամարդ</ref> Երկուսն էլ պարզապես ցնդել էին։ Բայց ես բոլորովին ուրիշ բան էի մտածել։ Ամենից առաջ ուշադրություն դարձրի, որ հարթ տեղում այդ արարածները մարդուց ավելի վատ էին վազում, քանի որ նրանց ոտքերը կարճ էին, իսկ իրանը՝ ծանր։ Նույնիսկ Չելենջերը դաս կտար նրանց լավագույն վազողին, իսկ մենք նրանց համեմատությամբ իսկական չեմպիոններ ենք։ Հետո ևս մի կարևոր դիտողություն․ նրանք գաղափար չունեն հրազենի մասին։ Ըստ իս, նրանք նույնիսկ գլխի չընկան, թե ինչ պատահեց այն կապկին, որին ես վիրավորեցի։ Մի խոսքով, միայն թե հրացանները ձեռք գցեինք, իսկ հետո ցույց կտայինք դրանց։ | ||
+ | |||
+ | Եվ ահա այսօր լուսադեմին ես մի ուժեղ աքացի տվի իմ ժամապահի փորին, սլացա դեպի ճամբար, վերցրի ձեզ, հրացանները․․․ մնացածը հայտնի է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կպատահի մեր պրոֆեսորներին, ― սարսափով բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Անհրաժեշտ է փրկել նրանց։ Նրանք ինձ հետ փախչել չէին կարող՝ Չելենջերը նստած էր ծառի վրա, իսկ Սամերլին ուժ չէր ունենա, ուստի որոշեցի, որ ամենից առաջ հարկավոր է հրացանները վերցնել, հետո արդեն փրկել մյուսներին։ Ճիշտ է, կապիկները կարող են ի հատուցումն սպանել նրանց։ Չելենջերին հազիվ թե ձեռք տան, բայց Սամերլիի համար չեմ երաշխավորում։ Ասենք, այսպես թե այնպես, նրան մահ էր սպառնում։ Դրանում ես միանգամայն համոզված եմ, այնպես որ իմ փախուստը չէր կարող նրա դրությունը վատացնել։ Բայց այժմ պատիվը պարտավորեցնում է մեզ կամ փրկել մեր ընկերներին, կամ բաժանել նրանց ճակատագիրը։ Ուստի, թանկագին երիտասարդ, մեղքներդ խոստովանեցեք, մաքրեք ձեր հոգին, որովհետև մինչև երեկո ձեր ճակատագիրը լուծված կլինի։ | ||
+ | |||
+ | Չգիտեմ այստեղ ինձ հաջողվե՞ց տալ լորդ Ռոքստոնին բնորոշ արտահայտվելու եղանակը՝ կցկտուրություն, խոսքի կորով, տոնի ծիծաղկոտ անհոգություն։ Այդ մարդը ի ծնե առաջնորդ էր։ Որքան վտանգը մոտենում էր, այնքան նրա խոսքը ավելի գունեղ էր դառնում, այնքան ավելի պայծառ էին բոցավառվում նրա պաղ աչքերը, այնքան ավելի ու ավելի էին ցցվում Դոն֊Կիխոտի բեղերի նման երկար բեղերը։ Նա սիրում էր ռիսկ անել, հրճվել իսկական արկածներին հատուկ դրամատիկությամբ, առանձնապես երբ այդ վերաբերում էր իրեն, և գտնում էր, որ յուրաքանչյուր վրանգ իր մեջ յուրահատուկ սպորտային հետաքրքրություն ունի, քանի որ վտանգավոր րոպեներին մարդ դաժան խաղ է սկսում ճակատագրի հետ, որտեղ խաղչեքը իր կյանքն է։ Այս բոլորը լորդ Ջոնին դարձնում էր անփոխարինելի ընկեր, և եթե մեր բարեկամների համար ունեցած վախը չլիներ, ես բացի ուրախությունից ոչինչ չէի զգա՝ այդպիսի մարդու հետ վտանգավոր գործի գնալով։ | ||
+ | |||
+ | Արդեն ուզում էինք դուրս գալ մեր ապաստարանից, երբ լորդ Ջոնը հանկարծ ձեռքս բռնեց․ | ||
+ | |||
+ | ― Տեսե՛ք, ― շշնջաց նա։ ― Գալի՛ս են։ | ||
+ | |||
+ | Մեր տեղից երևում էր մի նեղ բացատ՝ ընկած ծառերի միջև, որոնց ճյուղերը միահյուսվում էին վերևում՝ կազմելով համատարած կանաչ կամար։ Այդ բացատում երևացին մի խումբ մարդակապիկներ։ Նրանցից շատերը զինված էին մահակներով։ Կռացած, ծուռտիկ ոտներով, նման մազածածկ, այլանդակ մարդկանց, նրանք չորս կողմ նայելով վազում էին իրար ետևից և շարունակ երկար ձեռքերը կպցնում գետնին։ Կռացածությունը կարճ էր ցույց տալիս նրանց, բայց ես աչքիս չափով որոշեցի, որ նրանք հինգ ոտնաչափից պակաս չեն լինի։ Մի րոպե շատ պարզ տեսա նրանց, ապա աչքիցս կորան թփերի ետևում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դեռ վաղ է, ― ասաց լորդ Ջոնը՝ հրացանը իջեցնելով։ ― Ավելի լավ է թաքնվել, մինչև որ նրանք դադարեն անտառը չափելուց։ Թող մի ժամ էլ փնտրեն, իսկ հետո կտեսնենք․․․ Միգուցե կկարողանանք թափանցել նրանց քաղաքը և հանկարծակիի բերել։ | ||
+ | |||
+ | Օգտվելով այդ հետաձգումից՝ բաց արինք հետներս առած տուփերից մեկը և սկսեցինք նախաճաշել։ Լորդ Ռոքստոնը առավոտից ոչինչ չէր կերել, եթե չհաշվենք մի քանի պտուղներ, և այժմ ագահությամբ հարձակվեց ուտելիքի վրա։ Իսկ երբ նախաճաշը վերջացավ, ձեռքներումս մի֊մի հրացան բռնած, գրպաններս փամփուշտներով լի, շարժվեցինք մեր բարեկամներին փրկելու։ Նախքան մացառուտներից դուրս գալը՝ լորդ Ջոնը մի քանի քարթ արեց ծառերի վրա, որպեսզի հիշեր, թե Չելենջերի ամրոցը որ կողմն է ընկած և հարկ եղած դեպքում իսկույն գտներ այն։ Լուռ անցանք մացառուտի միջով և դուրս եկանք զառիթափի եզրը, մեր առաջին կայանից ոչ հեռու։ Այստեղ լորդ Ջոնը կանգ առավ և բացատրեց իր պլանները։ | ||
+ | |||
+ | ― Խիտ անտառում այդ գազաններն ինչ խաղ ասես կարող են խաղալ մեր գլխին, ― ասաց նա։ Նրանք մեզ կտեսնեն, իսկ մենք նրանց՝ ոչ։ Բայց արձակ տեղում ուրիշ բան, որովհետև մենք նրանցից արագ ենք վազում։ Հետևաբար, եկեք որքան հնարավոր է բաց տարածության վրա մնանք։ Սարահարթի փեշերի երկարությամբ անտառը նոսր է, հենց այնտեղից էլ սկսենք հարձակումը։ Եվ որ գլխավորն է, հիշեցեք՝ կենդանի անձնատուր չլինել, կրակեցեք մինչև վերջին փամփուշտը։ Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը, երիտասարդ։ | ||
+ | |||
+ | Երբ հասանք զառիթափին, նայեցինք ներքև ու տեսանք մեր բարի նեգրին, որը, քարերի վրա նստած, ծխամորճ էր ծխում։ Ինչպե՜ս կուզեի ձայն տալ նրան և պատմել, թե ինչ էր պատահել մեզ։ Բայց դա վտանգավոր էր՝ մեզ կարող էին լսել։ Մարդակապիկները վխտում էին թավուտ անտառում, նրանց յուրատեսակ սուր ճիչերը մերթ ընդ մերթ ականջներիս էին հասնում։ Մենք նետվում էին թփերի մեջ ու պառկում, մինչև որ ճիչերը մարում էին հեռվում։ Դա շատ էր դանդաղեցնում մեր առաջխաղացումը․ երկու ժամ պահանջվեց կապիկների քաղաքը հասնելու համար։ Այժմ նա մոտիկ էր, ես այդ հասկացա այն զգուշությունից, որով քայլում էր լորդ Ջոնը։ Ահա նա ձեռքով արավ ինձ՝ հրամայելով պառկել, իսկ ինքը սողաց առաջ, բայց շուտով ետ դարձավ։ Նրա դեմքը հուզմունքից ցնցվում էր։ | ||
+ | |||
+ | ― Շո՛ւտ, ― շշնջաց նա, ― շո՛ւտ։ Միայն թե չուշանանք։ Ողջ մարմնով դողալով՝ ես սողացի նրա մոտ և թփերի ետևից նայեցի այն կողմ փռված բացատին։ | ||
+ | |||
+ | Երբեք չեմ մոռանա այն տեսարանը, որն այնքան ֆանտաստիկ էր, այնքան անհավանական, որ չգիտեմ ինչպես նկարագրեմ, որպեսզի հավատաք։ Միգուցե այնուամենայնիվ մեզ հաջողվի կենդանի դուրս պրծնել այստեղից․ կանցնի մի քանի տարի․․․ ես առաջվա պես կնստեմ «Վայրենի» ակումբի հյուրասենյակում և պատուհանից կնայեմ Թեմզայի տխուր, իր իրականությամբ կասկած չհարուցող ափերին․․․ Այսպես ահա, ես ինքս կհավատա՞մ արդյոք այն ժամանակ, որ այդ բոլորոը կատարվել է իմ աչքի առաջ։ Արդյոք չի՞ թվա ինձ, որ ես տենդագին տեսիլները իրականության տեղ եմ դրել։ Ահա թե ինչո՛ւ եմ ուզում այդ բոլորը գրի առնել, քանի դեռ դեպքերը թարմ են հիշողությանս մեջ, քանի դեռ թեկուզ մեկ մարդ, ― նա, որը պառկած է կողքիս, թաց խոտերի վրա, ― կարող է հաստատել այստեղ գրված յուրաքանչյուր բառը։ | ||
+ | |||
+ | Մեր առաջ փռված էր հարյուր յարդ լայնությամբ մի բացատ, ընդհուպ մինչև քարափը, թանձր խոտով ու ցածրիկ պտերով ծածկված։ Բացատը կիսաօղակաձև շրջապատել էին ծառերը, որոնց վրա հարկ֊հարկ շարված էին ճյուղերից ու տերևներից գործված բազմաթիվ տնակներ։ Պատկերացրեք սերմնագռավանոց, որտեղ բների փոխարեն՝ տնակներ են, և կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում։ Նրանց մուտքերի մոտ և մոտակա ճյուղերին կապիկներ էին նստած, դատելով փոքրությունից՝ էգեր և կապկացեղի ձագեր։ Բոլորը հետաքրքրությամբ հետևում էին նրան, ինչ֊որ կատարվում էր ներքևում և որից մենք էլ չէինք կարողանում աչքներս հեռացնել։ | ||
+ | |||
+ | Սարահարթի եզրից ոչ հեռու մի բաց տեղում շարվել էին մի քանի հարյուր փրչոտ, կարմրաշեկ մարդակապիկներ։ Նրանցից մի քանիսն ունեին վիթխարի հասակ, մյուսներն ավելի պակաս էին, բայց բոլորն էլ իմ մեջ գարշանք էին առաջացնում։ Կապիկները կանգնել էին խիտ շարքերով, ըստ երևույթին ենթարկվելով կարգապահության։ Նրանց առաջ կանգնած էին մի քանի ցածրահասակ, բայց համաչափ կազմվածքով հնդկացիներ, որոնց մաշկը արևի վառ շողերի տակ փայլում էր բրոնզի պես։ Այդ փոքրիկ խմբից առանձնանում էր մի բարձրահասակ, սպիտակ մարդու նիհար կերպարանք։ Ցած խոնարհած գլուխը, կրծքին խաչած ձեռքերը՝ ամեն ինչ արտահայտում էր սարսափ և հնազանդություն ճակատագրին։ Մենք առանց դժվարության ճանաչեցինք պրոֆեսոր Սամերլիին։ | ||
+ | |||
+ | Մի քանի կապիկներ հերթապահում էին դժբախտ գերիների մոտ և արթուն կերպով հետևում նրանց՝ պատրաստ փախուստի ամեն մի փորձ խափանելու։ Նրանցից աջ, քարափի եզրին, մեկուսի կանգնած էին ևս երկու հոգի, այնքան անհեթեթ, ― այլ հանգամանքներում նրանց կարելի էր նույնիսկ կոմիկական անվանել, ― որ ես հայացքս բևեռեցի նրանց վրա։ Դրանցից մեկը մեր ընկերն էր՝ պրոֆեսոր Չելենջերը։ Նրա բաճկոնակից ողորմելի ծվեններ էին մնացել, շապիկն անհետ չքացել էր, մորուքը խառնվել էր հզոր կրծքի թանձր մազերին, իսկ մազերը, որոնք խիստ երկարել էին մեր թափառումների ժամանակ, սև բաշի պես ծածանվում էին քամուց։ Մի օրը բավական էր եղել, որպեսզի ժամանակակից քաղաքակրթության այդ բարձրագույն արգասիքը վերածվեր Հարավային Ամերիկայի վերջին վայրենուն։ | ||
+ | |||
+ | Չելենջերի կողքին կանգնած էր նրա տիրակալը՝ մարդակապիկների ցեղի արքայիկը։ Լորդ Ջոնը չէր չափազանցնում․ դա մեր պրոֆեսորի ճիշտ պատճենն էր, միայն թե կարմրաշեկ մազերով։ Նույն կարճ հասակը, նույն մասսիվ ուսերն ու երկար ձեռքերը, նույն թավ մորուքը, որ իջնում էր մինչև մազոտ կուրծքը։ Տարբերությունը երևում էր միայն հետևյալում․ մարդակապկի նեղ, տափակավուն ճակատը եվրոպացու հոյակապ գանգի լրիվ հակապատկերն էր։ Ինչ վերաբերում էր մնացած բոլորին, ապա կապկային արքայիկը պրոֆեսորի հիանալի ծաղրանկարն էր։ | ||
+ | |||
+ | Թղթի վրա այս նկարագրությունը չափազանց շատ տեղ է գրավում, բայց այն ժամանակ ես այդ ամենը ընդգրկեցի մի ակնթարթում և իսկույն էլ վերացա դրանից՝ կլանված մեր առջև կատարվող դրամայով։ Երկու մարդակապիկ բռնեցին մի հնդկացու և քարշ տվին քարափի եզրը։ Արքայիկը ձեռքով արավ։ Հրեշները մարդու ձեռքից ու ոտներից բռնած բարձրացրին և, դժբախտը օդում մի աղեղ գծեց, նախքան քարի պես ցած սլանալը։ Բացի պահակներից կապիկների ողջ ամբոխը նետվեց դեպի քարափ, քարացավ մի պահ լարված լռության մեջ և հանկարծ ցնծագին աղաղակներ արձակեց։ Նրանք ցատկոտում էին դիվահարների պես, թափահարում երկար, մազոտ ձեևքերը և հիացմունքից ոռնում։ Հետո արագ ետ քաշվեցին քարափից և նորից շարքեր կազմեցին՝ սպասելով հաջորդ զոհին։ | ||
+ | |||
+ | Այս անգամ հերթը հասավ Սամերլիին։ Երկու պահակները բռնեցին նրա ձեռքերից և կոպտությամբ առաջ հրեցին։ Նա թպրտում էր ու զարկվում, ինչպես հավի ճուտ, որին հեռացնում են հավանոցից։ Չելենջերը հուսահատական շարժումներ էր անում՝ դիմելով կապիկների արքայիկին։ Նա խնդրում էր, աղաչում, որ խնայի իր ընկերոջը։ Բայց կապիկն առանց ձևականության բոթեց իր նմանակին ու գլուխը տարուբերեց։ Այդ նրա վերջին գիտակցական շարժումն էր․ հրացանը որոտաց, և կարմրաշեկ արքայիկը պարկի նման ընկավ խոտերին։ | ||
+ | |||
+ | ― Կրակի՛ր ամբոխի վրա, գնդակ մի՛ խնայիր, տղաս, ― բղավեց լորդ Ջոնը։ | ||
+ | |||
+ | Ամեն մի, նույնիսկ ամենասովորական մարդու հոգում թաքնված են իր համար իսկ անհայտ խորհուրդներ։ Ես միշտ հայտնի եմ եղել իմ փափկասրտությամբ․ շատ անգամներ վիրավոր նապաստակի տնքոցները դառն արցունքներ են քամել իմ աչքերից։ Բայց այժմ արյան ծարավը խելքահան արեց ինձ։ Ես վեր թռա, գնդակ գնդակի ետևից արձակելով սկզբում մի հրացանից, հետո մյուսից, շրխկացնում էի փակաղակները, նորից լցնում և անընդհատ բղավում՝ կատաղի ուրախությունից գլուխս կորցրած։ Չորս հրացանով մենք ահավոր ավերածություն էինք առաջացնում կապիկների շարքերում։ Սամերլիին հսկող երկու պահակներն էլ մեռած փռվել էին գետնին, իսկ նա քայլում էր հարբածի պես սայթաքելով և հավանորեն չէր գիտակցում, որ իրեն ազատել են։ Մեր թշնամիները շշմած դես ու դեն էին վազվզում բացատում, առանց բան հասկանալու, չիմանալով, թե ուր կորչեն անակնկալ վրա հասած մահվան մրրիկից։ Նրանք թափահարում էին ձեռքները, ճղավում՝ դիպչելով դիակներին, ցած ընկնում։ Հետո, ենթարկվելով բնազդին, խմբով նետվեցին ծառերի պաշտպանության տակ, և բացատը դատարկվեց։ Միայն նրա մեջտեղում կանգնած էր գերիների մի փոքրիկ խումբ։ | ||
+ | |||
+ | Չելենջերի սուր միտքը մի ակնթարթում գնահատեց դրությունը։ Նա բռնեց շշմած Սամերլիի ձեռքից և, քարշ տալով իր ետևից, վազեց դեպի մեզ։ Երկու պահակները պատրաստվում էին հետապնդել նրանց, բայց լորդ Ջոնը վայրկենապես ցած գլորեց նախ մեկին, ապա մյուսին, առանց ավելորդ գնդակ վատնելու։ Մենք թփերի միջից վազեցինք մեր բարեկամներին ընդառաջ և ամեն մեկի ձեռքը մի֊մի լցված հրացան տվինք։ Բայց այստեղ Սամերլին բոլորովին ուժասպառ եղավ։ Նա հազիվ էր ոտքերը շարժում։ Մինչդեռ մարդակապիկներն արդեն ուշքի էին եկել։ Նրանք ցրվեցին թփերի մեջ, ըստ երևույթին աշխատելով մեր ճանապարհը փակել։ Ես և Չելենջերը մտանք Սամերլիի թևերի տակ, իսկ լորդ Ջոնը քողարկում էր մեր նահանջը, գնդակ դնդակի ետևից ճամփելով դեպի նրանց զարհուրելի, երախաբաց մռութները, որ մերթ ընդ մերթ երևում էին թփերի միջից։ Մոտ մի մղոն, գուցե և ավելի, այդ արարածները խլացուցիչ ճղավոցով կրնկակոխ հետևում էին մեզ։ Հետո սկսեցին ետ ընկնել՝ համոզվելով մեր գերազանցության մեջ և չկամենալով այլևս ընկնել լորդ Ջոնի դիպուկ գնդակների տակ։ Վերջապես ճամբար հասնելով՝ նայեցինք հետ ու համոզվեցինք, որ այժմ մեզ հանգիստ թողին։ Համենայն դեպս այդպես էր թվում, բայց դա սխալ էր։ Նոր էինք հասցրել ճամբարի մուտքը փակել, սեղմել իրար ձեռք և ուժասպառ մեկնվել աղբյուրի մոտ, բացատի կենտրոնում, երբ հանկարծ ցանկապատի այն կողմից լսվեցին ինչ֊որ մեկի արագ քայլերն ու դրանից անմիջապես հետո կամացուկ, աղիողորմ հեծկլտոցը։ Լորդ Ջոնը հրացանը ձեռքին վազեց դեպի անցկալը և դուրս նայեց։ Ցանկապատի ետևում, դեմքները հպած գետնին, պառկած էին կենդանի մնացած չորս պղնձակարմիր հնդկացիները։ Նրանք վախից դողում էին, բայց դա չէր խանգարում, որ աղաչեն մեզ՝ պաշտպանության տակ առնել իրենց։ Նրանցից մեկը վեր կացավ, արտահայտիչ ձևով ձեռքերը շարժեց, հավանորեն կամենալով ասել, թե մեր ճամբարի շուրջն անտառը լի է վտանգներով, հետո ընկավ լորդ Ջոնի ոտքերը և դեմքը սեղմեց նրա ծնկներին։ | ||
+ | |||
+ | ― Այս ի՞նչ բան է, ― բացականչեց մեր ղեկավարը՝ շփոթված քաշքշելով բեղերը։ ― Չէ, իսկապես, ինչպե՞ս վարվենք սրանց հետ։ Վեր կաց, բարեկամ, կոշիկս հանգիստ թող։ | ||
+ | |||
+ | ― Նրանց մասին նույնպես պետք է հոգալ, ― ասաց Սամերլին ծխամորճը լցնելով։ ― Դուք մեզ բոլորիս ազատեցիք մահվան ճանկերից։ Եվ ինչպե՜ս ազատեցիք։ Ես պարզապես հիացած եմ։ | ||
+ | |||
+ | ― Ապշեցուցի՜չ էր, ― բացականչեց Չելենջերը, ― ապշեցուցիչ։ Ոչ միայն անձամբ մենք, այլև Եվրոպայի գիտական ողջ աշխարհը անհատույց պարտք կմնա ձեզ։ Կասեմ առանց տատանվելու, որ պրոֆեսոր Սամերլիի և պրոֆեսոր Չելենջերի մահը հույժ նկատելի ճեղքվածք բաց կաներ ժամանակակից գիտության մեջ։ Դուք և մեր պատանի բարեկամը արժանի եք ամենայն գովասանքի։ | ||
+ | |||
+ | Հայրական ժպիտ էր խաղում Չելենջերի շրթունքներին, բայց ինչպե՜ս կզարմանար Եվրոպայի գիտական աշխարհը, եթե այդ րոպեին տեսներ իր սիրելի զավակին, իր հույսը․․․ Գզգզված մազեր, մերկ կուրծք, ցնցոտիներ։ Գիտության նեցուկը նստել էր պահածոյի տուփը սեղմած ծնկների մեջ և մատներով բերանն էր տանում ավստրալիական ոչխարի մսի մի խոշոր պատառ։ Հնդկացին նայեց նրան, ճչած ու նորից ընկավ լորդ Ջոնի ոտքերը։ | ||
+ | |||
+ | ― Մի վախենա, փոքրիկ, ― ասաց մեր ղեկավարը՝ շոյելով ծնկներին սեղմվող սև գլուխը։ ― Չելենջեր, ձեր տեսքը հնդկացուն սարսափ ազդեց, և ես դրանում ոչ մի զարմանալի բան չեմ գտնում։ Հանգստացիր, բարեկամ, նա էլ մեզ նման մարդ է։ | ||
+ | |||
+ | ― Սակայն, սը՛ր, ― բացականչեց Չելենջերը։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ, պրոֆեսոր, ― դուք պետք է շնորհակալ լինեք ճակատագրին, որ նա ձեզ պարգևել է ոչ բոլորովին սովորական արտաքին։ Եթե կապիկների արքայիկի հետ ձեր ապշեցուցիչ նմանությունը չլիներ․․․ | ||
+ | |||
+ | ― Բավակա՛ն է, լորդ Ջոն Ռոքստոն։ Դուք ձեզ չափից ավելին եք թույլ տալիս։ | ||
+ | |||
+ | ― Փաստը մնում է փաստ։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ, սըր, զրույցի թեման փոխեք։ Ձեր նկատողությունները բոլորովին անտեղի են և գործին չեն վերաբերում։ Անհրաժեշտ է որոշել, թե ինչ անենք հնդկացիներին։ Ըստ երևույթին, հարկ կլինի տուն հասցնել։ Բայց որտե՞ղ են ապրում նրանք, ահա հարցը։ | ||
+ | |||
+ | ― Կարող են պատասխանել, ― ասացի ես։ ― Հնդկացիներն ապրում են կենտրոնական լճի այն կողմը, քարայրներում։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, ահա թե ի՜նչ։ Մեր պատանի բարեկամին հայտնի է, թե որտեղ է գտնվում սրանց կացարա՞նը։ Դա երևի այնքան էլ մոտիկ չէ այստեղից։ | ||
+ | |||
+ | ― Քսան մղոնից ոչ պակաս, ― պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Սամելին տնքաց։ | ||
+ | |||
+ | ― Ես որ համենայն դեպս այնտեղ չեմ հասնի։ Լսո՞ւմ եք։ Այդ արարածները դեռ շարունակում են հետևել մեզ։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, անտառի մթին թավուտից մեզ հասավ մարդակապիկների հեռավոր ճղճղոցը։ Հնդկացիները նորից սկսեցին վախից ոռնալ։ | ||
+ | |||
+ | ― Հարկավոր է հեռանալ այստեղից, և որքան կարելի է շուտ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Երիտասարդ, դուք կօգնեք Սամերլիին։ Հնդկացիները կտանեն իրերը։ Դե, գնացինք, քանի դեռ նրանք մեզ չեն նկատել։ | ||
+ | |||
+ | Մի կես ժամում վազելով հասանք թփերի մեջ եղած մեր ապաստարանը և թաքնվեցինք այնտեղ։ Ամբողջ օրը մարդակապիկների հուզված ճիչերը հասնում էին մեզ ամրոցի կողմից, բայց ոչ ոք նրանցից այս կողմ չեկավ։ Հոգնած փախստականները՝ թե սպիտակամորթ, թե կարմրամորթ, թաղվեցին երկար, խոր քնի մեջ։ | ||
+ | |||
+ | Երեկոյան նիրհի միջից զգացի, որ մեկը թևիցս քաշում է։ Աչքերս բացելով՝ տեսա առջևս կանգնած Չելենջերին։ | ||
+ | |||
+ | ― Միստր Մելոուն, որքան ինձ հայտնի է, դուք օրագիր եք պահում, հուսալով ժամանակին հրապարակել այն, ― խիստ հանդիսավոր տոնով սկսեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ուղարկել են այստեղ, իբրև սեփական թղթակից, ― պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդ է որ կա։ Դուք, հավանորեն, լսեցիք լորդ Ռոքստոնի հիմար ակնարկները, որ․․․ իբր թե․․․ որոշ նմանություն գոյություն ունի․․․ | ||
+ | |||
+ | ― Այո, լսեցի։ | ||
+ | |||
+ | ― Կարիք չկա ասելու, որ նման տխմարության հրապարակումը․․․ և ընդհանրապես դեպքերի ամենաչնչին քմահաճ շարադրումը չափազանց վիրավորական կլինի ինձ համար։ | ||
+ | |||
+ | ― Խոստանում եմ խստիվ հարազատ մնալ փաստերին։ | ||
+ | |||
+ | ― Լորդ Ջոնը հակամետ է ամեն տեսակ ֆանտազիաների, և նրա համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում մի կերպ յուրովի բացատրել այն հանգամանքը, որ անգամ ամենաանկուլտուրական ցեղերը տածում են դեպի մարդկային արժանապատվությունը։ Իմ միտքը պա՞րզ է ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Լիովին։ | ||
+ | |||
+ | ― Այսպես, հուսով եմ ձեր խոհեմության վրա, ― ասաց Չելենջերը և երկար լռությունից հետո ավելացրեց․ ― իսկ այդ կապիկների արքայիկը հույժ արժանավոր արարած էր․․․ Արտասովոր կերպով պատկառելի արտաքին ուներ և այնպես խելացի էր․․․ Ճիշտ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Խիստ արժանավոր անձնավորություն էր, ― պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | Ինչպես երևում է, հանգստանալով, պրոֆեսորը նորից պառկեց քնելու։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XIV «Այդ իսկական հաղթանակ էր»== | ||
+ | |||
+ | |||
+ | Կարծում էինք, թե մեզ հետապնդող մարդակապիկները չեն կասկածում թփերի մեջ եղած այդ ապաստարանի մասին, սակայն շուտով համոզվեցինք, որ սխալվում ենք։ Անտառում լիակատար լռություն էր տիրում՝ ո՛չ ձայն, ո՛չ տերևների շրշյուն․․․ Բայց և այնպես նախկին փորձը պետք է մեզ հուշեր, թե այդ էակներն ինչպիսի խորամանկությամբ ու համբերությամբ են հետևում իրենց որսին ու հարմար րոպե գտնում հարձակման համար։ Չգիտեմ ճակատագիրն ինչ է խոստանում ինձ հետագայում, բայց հազիվ թե երբևէ ես այդքան մոտիկ եղել եմ մահվան կամ կլինեմ, ինչպես այն առավոտ։ Հիմա ամեն ինչ հերթով կպատմեմ։ | ||
+ | |||
+ | Նախորդ օրվա սարսափելի ալեկոծումներից ու քաղցից հետո քունը չօգնեց ուժերս վերականգնելու։ Սամերլին այնքան թույլ էր, որ հազիվ էր ոտքի վրա մնում, բայց իրեն հատուկ համառությամբ ու արիությամբ չէր ուզում այդ խոստովանել։ Ռազմական խորհրուրդ գումարեցինք և որոշեցինք ևս երկու ժամ նստել այստեղ, նախաճաշել, որ խիստ անհրաժեշտ էր, իսկ հետո ճամփա ընկնել ամբողջ սարահարթի երկարությամբ և դուրս գալ կենտրոնական լճի այն ափին գտնվող քարայրների մոտ, որտեղ իմ դիտողություններով, մարդիկ էին ապրում։ Հույս ունեինք, թե մեր ազատած հնդկացիները մի բարի խոսք կասեն մեր մասին, և սպասում էինք լավ ընդունելություն գտնել նրանց ցեղակիցների մոտ։ | ||
+ | |||
+ | Այդպիսի ճանապարհորդությունից հետո Մեպլ֊Ուայտի Երկիրը մեր առաջ ավելի ևս բաց կանի իր գաղտնիքները, և, մեզ վրա դրված առաջադրանքը կատարելուց հետո, մենք մեր բոլոր մտքերը կուղղենք այստեղից դուրս գալու և կրկին աշխարհ վերադառնալու միջոցներ գտնելուն։ Նույնիսկ ինքը՝ Չելենջերն ընդունում էր, որ արշավախմբի նպատակը կատարված կլինի, և որ դրանից հետո պարտքը կստիպի մեզ որքան կարելի է շուտ հայտնել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին մեր զարմանալի հայտնագործությունների մասին։ | ||
+ | |||
+ | Այժմ կարող էինք ավելի ուշադիր դիտել մեր փրկած հնդկացիներին։ Նրանք կարճահասակ էին, մկանուտ, ճարպիկ, տեսքից անհիշաչար, անմազ դեմքի կանոնավոր ձվածիր և սև, հարթ մազերով, որոնք ծոծրակի մոտ կապված էին կաշվե փոկով։ Նրանց հագուստը բաղկացած էր միայն ազդրերի կապից, որը նույնպես կաշվից էր։ Ճեղ քված, արնատար ականջաբլթակները վկայում էին, որ նրանց ականջներից ինչ֊որ զարդեր էին կախված եղել, որոնք մնացին թշնամիների՝ կապիկների ճանկերում։ Հնդկացիները իրար հետ աշխուժորեն խոսում էին անծանոթ լեզվով, բայց և այնպես մենք հասկացանք, որ նրանց ցեղը կոչվում է «ակկալա»։ Նրանք այդ խոսքը կրկնեցին մի քանի անգամ իրար ետևից, մատնացույց անելով իրար, ապա սեղմված բռունցքները թափ տվին դեպի անտառի կողմը և, վախից ու ատելությունից դողալով, բղավեցին․ «Դո դա, դո դա»։ Երևի նրանք այդպես էին անվանում մարդակապկին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կասեք սրանց մասին, Չելենջեր, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Ինձ համար միայն մի բան է պարզ․ ահա այն խուզած ճակատով պատանին սրանց առաջնորդն է։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, այդ հնդկացին իրեն պահում էր մեկուսի, իսկ մնացածները դիմում էին նրան մեծագույն հարգանքով, չնայած բոլորը տարիքով մեծ էին նրանից։ Պատանու ամեն մի շարժումն արտահայտում էր հպարտություն ու անկախություն, և երբ Չելենջերն իր ահագին թաթը դրեց նրա գլխին, նա խթանած ձիու պես մի կողմ ցատկեց, և, բարկությամբ փայլեցնելով սև աչքերը, ետ գնաց։ Հետո ձեռքը դրեց կրծքին և, արժանապատվությամբ լի, մի քանի անգամ կրկնեց «Մարետաս» խոսքը։ | ||
+ | |||
+ | Առանց բոլորովին շփոթվելու, պրոֆեսորը բռնեց մյուս հնդկացու ուսից և, այս կողմ, այն կողմ շուռ տալով ինչպես ցուցադրական պիտույք, սկսեց դասախոսություն կարդալ մեզ։ | ||
+ | |||
+ | ― Զարգացած գանգը, դիմանկյունը և որոշ այլ նշաններ խոսում են այն մասին, որ այս ցեղը չի կարելի դասել ստորին ռասսայի շարքում, ― թնդացրեց նա իր հնչեղ բասը։ Ռասայական սանդղակում մենք պետք է նրան տեղ հատկացնենք Հարավային Ամերիկայի շատ ցեղերից առաջ։ Ես հաստատ համոզված եմ, որ այստեղ, սարահարթում անհնարին էր այս ցեղի առաջացնումն ու զարգացումը։ Բայց չէ՞ որ մարդակապիկներին ևս մի վիթխարի անդունդ է բաժանում այստեղ պահպանված մինչպատմական կենդանիներից։ Հետևաբար, նրանք նույնպես չէին կարող երևան գալ ու զարգանալ Մեպլ֊Ուայտի Երկրում։ | ||
+ | |||
+ | ― Հապա որտեղի՞ց են հայտնվել նրանք։ Երկնքից հո չե՞ն ընկել, ― հարցրեց լորդ Ջոնը։ | ||
+ | |||
+ | ― Այդ հարցն անկասկած տաք վիճաբանություններ կառաջացնի Եվրոպայի և Ամերիկայի գիտնականների միջև, ― պատասխանեց պրոֆեսորը։ | ||
+ | |||
+ | ― Այդ հարցի իմ սեփական բացատրությունը՝ ճիշտ թե սխալ (այս խոսքերն ասելիս նա կուրծքը դուրս գցեց և արտասովոր ամբարտավանությամբ աչքերը դարձրեց չորս կողմը), հետևյալն է․ այստեղի խիստ յուրահատուկ պայմաններում էվոլյուցիան հասել է ողնաշարավորների ստադիային, ըստ որում հին ձևերը շարունակել են ապրել ու զարգանալ նորերի կողքին։ Ահա թե ինչու յուրայան շրջանի ձևերի հետ մեկտեղ այստեղ ապրում է և ժամանակակից գետակինճը՝ հույժ հարգալիր տոհմագրությամբ մի կենդանի, և՛ խոշոր եղջերուն, և մրջնյակները։ Առայժմ ամեն ինչ պարզ է։ Բայց դուք կհարցնեք՝ հապա մարդակապիկնե՞րը, հապա հնդկացինե՞րը։ Գիտական միտքն ինչպե՞ս պետք է վերաբերվի նրանց առկայությանը սարահարթում։ Իմ կարծիքով, բացատրությունը կարող է լինել միայն մեկը․ նրանք այստեղ են թափանցել դրսից։ Շատ հնարավոր է, որ Հարավային Ամերիկայում գոյություն ունեցած ինչ֊որ մարդանման կապիկներ անհիշելի ժամանակներում անցել են այստեղ և իրենց էվոլյուցիայի շնորհիվ տվել մարդակապիկների այն տեսակը, որի հեռավոր ներկայացուցիչները (այստեղ Չելենջերը կիպ նայեց ինձ) այնպիսի պատկառելի ու վայելուչ տեսք ունեն, որ բանականության առկայության դեպքում նրանք կարող էին մինչև իսկ զարդարել մարդկային ցեղը։ Իսկ ինչ վերաբերում է հնդկացիներին, ապա այդ ցեղը հարթավայրից այստեղ է գաղթել ավելի ուշ ժամանակներում կամ քաղցի, կամ թշնամու հետապնդման հետևանքով։ Այստեղ հանդիպելով մինչ այդ չտեսնված հրեշների, նրանք թաքնվել են քարայրներում, որոնց մասին պատմեց մեզ մեր պատանի բարեկամը։ Սակայն հդկացիներն անկասկած ստիպված են եղել կյանքի ու մահու կռիվ մղել վայրի գազանների, մասնավորապես կապիկների դեմ, որոնք չէին կամենում հաշտվել մարդու ներխուժման հետ և անխնա պատերազմ էին մղում նրա դեմ՝ գործի դնելով իրենց ողջ խորամանկությունը, իսկ այդ խնդրում նրանք կարող են մրցել ուզածդ շատ ավելի խոշոր արարածների հետ։ Ահա թե ըստ իս ինչով է բացատրվում հնդկական ցեղի փոքրաքանակությունը։ Եվ այսպես, ջենտլմեննե՛ր, ի՞նչ կասեք հիմա։ Ճի՞շտ լուծեցի այդ հանելուկը, թե՞ դուք որևէ առարկություն ունեք ըստ էության։ | ||
+ | |||
+ | Բայց պրոֆեսոր Սամերլին վեճի գլուխ չուներ, նա միայն ի նշան բողոքի հուսահատորեն տարուբերեց գլուխը։ Լորդ Ջոնը քորեց իր ճաղատացող գագաթը և հրաժարվեց պրոֆեսոր Չելենջերի մարտահրավերն ընդունելուց, պատճառաբանելով, թե ինքն այլ կարգի ու այլ քաշի ըմբիշ է։ Իսկ ես հավատարիմ մնացի ինքս ինձ և խոսակցությունը փոխադրեցի ավելի պրոզայիկ պլանի վրա, հայտնելով, որ հնդկացիներից մեկը չքացավ ինչ֊որ տեղ։ | ||
+ | |||
+ | ― Նա գնաց, ― ասաց լորդ Ռոքստոնը։ ― Մենք պահածոյի մի դատարկ տուփ տվեցինք նրան և ուղարկեցինք ջրի։ | ||
+ | |||
+ | ― Հին ճամբա՞րը, ― հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, առվակը։ Դա հեռու չէ այստեղից։ Ահա այս ծառերի ետևը։ Ընդամենը մի հարյուր յարդ հազիվ լինի, բայց ինչպես երևում է, այդ հերոսը այնքան էլ չի շտապում։ | ||
+ | |||
+ | ― Գնամ տեսնեմ, թե նա ինչ է անում այնտեղ, ― ասացի ես և՝ վերցնելով հրացանը, գնացի անտառ՝ ընկերներիս թողնելով աղքատիկ նախաճաշի պատրաստություններով։ | ||
+ | |||
+ | Ձեզ անխոհեմություն կթվա, որ ես սիրտ արի նույնիսկ այդքան կարճ ժամանակով թողնել մեր հուսալի ապաստարանը, բայց չէ՞ որ կապիկների քաղաքը հեռու էր, թշնամիները կորցրել էին մեր հետքերը, բացի դրանից, ես հրացան ունեի հետս։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, ես թերագնահատում էի մարդակապիկների ուժերն ու նենգությունը։ | ||
+ | |||
+ | Առվակը խոխոջում էր ինչ֊որ մոտերքում, բայց ծառերի ու թփերի խիտ մառախուղը թաքցնում էր այն ինձանից։ Արդեն բավական հեռացել էի ընկերնեիցս, երբ հանկարծ կանաչ խոտերի մեջ ինչ֊որ կարմիր բան նկատեցի։ Սարսափը պատեց ինձ․ դա ջրի ուղարկված հնդկացու դիակն էր։ Դժբախտը կծկվել էր գետնին․ գլուխն այնպես անբնական ոլորված էր, որ ասես նա ուսի վրայից նայում էր վերև։ Բղավեցի ընկերներիս՝ նախազգուշացնելով վտանգի մասին, ապա վազեցի հնդկացու մոտ և ցած խոնարհվեցի․․․ Հավանորեն, այդ րոպեին իմ պահապան հրեշտակը մոտերքում էր, որովհետև բնազդը, իսկ միգուցե տերևների շրշյունը, ստիպեց ինձ վերև նայել։ Գլխավերևումս կախված տերևների թանձր կանաչի միջից դանդաղորեն դեպի ինձ էին պարզվում երկու երկար, կարմրաշեկ մազերով ծածկված մկանուտ ձեռքեր։ Եվս մի վայրկայն, և ագահ մատները կփակվեին իմ պարանոցի շուրջը։ Ես ցատկեցի, բայց այդ ձեռքերն ավելի արագաշարժ դուրս եկան։ Ճիշտ է, ցատկելն ինձ փրկեց մահացու ոխումից, բայց մի թաթը կառչեց ծոծրակիցս, իսկ մյուսը՝ դեմքիցս, իսկ հետո, երբ կոկորդս ափով ծածկեցի, մատներիցս։ | ||
+ | |||
+ | Զգացի, որ գետնից պոկվում եմ, որ գլուխս անհախթահարելի ուժով ձգում են ետ․․․ Թվում էր, էլի մի վայրկյան, և վզիս ողերը էլ չեն դիմանա։ Ուղեղս սկսեց մշուշվել, բայց ես բաց չէի թողնում այդ սարսափելի ձեռքը և, վերջապես, պոկեցի այն ծնոտիցս։ Ինձ վրա խոնարհվել էր մի նողկալի մռութ՝ կապույտ, պաղ աչքերով, որոնց դաժան հայացքը հիպնոսող ուժով գամել էր ինձ իմ տեղում։ Կռվելու ուժ չկար։ Հենց որ հրեշն զգաց, որ ես թուլանում եմ, նրա գարշելի երախում փայլեցին երկու սպիտակ ժանիքներ, և նա ավելի ուժգին սեղմեց թաթը՝ գլուխս ետ ծռելով։ Աչքերիս առաջ պղտոր օղակներ լողացին, ականջներումս արծաթե բոժոժիկներ զրնգացին։ Ինչ֊որ տեղ հեռվում կրակոց լսվեց, ես ընկա՝ համարյա ցավ չզգալով, և գիտակցությունս կորցրի։ | ||
+ | |||
+ | Ուշքի գալով նկատեցի, որ պառկած եմ խոտերի վրա, մեր ապաստարանում։ Ինչ֊որ մեկն արդեն վազել էր առվակ, լորդ Ջոնը գլուխս թրջում էր ջրով, իսկ Չելենջերն ու Սամերլին հոգատարությամբ պահում էին ինձ երկու կողմերից։ Տեսնելով նրանց տագնապահար դեմքերը՝ առաջին անգամ հասկացա, որ մեր պրոֆեսորները ոչ միայն գիտության այրեր են, այլև մարդկային պարզ զգացումների ընդունակ մարդիկ։ Մարմնիս վրա ոչ մի վնասվածք չկար։ Ըստ երևույթին իմ ուշաթափությունն առաջացել էր միայն ուժեղ ցնցումից, որովետև կես ժամից հետո ես արդեն վերջնականապես ուշքի եկա, եթե չհաշվենք ծոծրակի ու վզիս ցավերը։ | ||
+ | |||
+ | ― Դե, սիրելի երիտասարդ, այս անգամ դուք մահից պրծաք, ― ասաց լորդ Ջոնը։ ― Երբ ես նետվեցի ձեր կանչի վրա ու տեսա, որ այդ հրեշը ոլորում է ձեր գլուխը, իսկ դուք արդեն ձեր չորս թաթիկներն էլ վեր էիք տնկել, առաջին հերթին գլխումս մի միտք առկայծեց՝ դե՛, մեր գնդից մեկը պակասեց․․․ Շտապելուց ես մինչև իսկ վրիպեցի, բայց և այնպես այդ հրեշը գցեց ձեզ և իսկույն փախավ։ Ա՛խ, սատանան տանի։ Տային ինձ հրացանավոր երեսուն մարդ, և մենք այստեղ այնպիսի կարգ ու կանոն հաստատեինք, որ այդ տականքի հետքն անգամ չմնար։ | ||
+ | |||
+ | Միանգամայն պարզ էր, որ մարդակապիկներն ինչ֊որ ձևով տեղեկացել էին մեր ապաստարանի մասին և այժմ աչքները չեն թեքում նրանից։ Ցերեկը կարելի էր չվախենալ նրանցից, բայց ի՞նչ կլինի գիշերը։ Նրանք անպայման վրա կտան մեզ։ Նշանակում է, պետք է հեռանալ, և որքան շուտ, այնքան լավ։ Մեզ երեք կողմից շրջապատում էր անտառի թավուտը, ուր ամեն մի քայլափոխում կարելի էր դարանի հանդիպել․ չորրորդ կողմից սկսվում էր մի թեթև զառիկող, որն իջնում էր դեպի կենտրոնական լիճը։ Այնտեղ աճում էր մի ցածլիկ թփուտ հատուկենտ ծառերով, որը տեղ֊տեղ ընդհատվում էր բացատներով։ Այդ զառիկողով էր, որ մենակ գնացի այն գիշեր, և նա տանում էր ուղիղ դեպի հնդկացիների քարայրները։ Հետևաբար, մենք հենց այդ ուղղությամբ էլ պիտի գնայինք։ | ||
+ | |||
+ | Միակ բանը, որի համար ափսոսում էինք, մեր ճամբարն էր, և այդ ոչ այնքան այնտեղ թողնված պաշարների, որքան նեգր Սամբոյի համար, որը միակ օղակն էր մեր և արտաքին աշխարհի միջև։ Ասենք, հրացանները մեզ մոտ էին, փամփուշտի պակասություն նույնպես չէր զգացվում, այնպես որ որոշ ժամանակ կարող էինք դրանով յոլա գնալ, իսկ հետո, երևի, հնարավորություն կստեղծվեր վերադառնալ հին տեղը և նորից կապ հաստատել մեր նեգրի հետ։ Սամբոն հաստատ խոսք էր տվել չլքել մեզ, և մենք չէինք կասկածում, որ նա իր խոսքը կկատարի։ | ||
+ | |||
+ | Վաղ առավոտյան մեր խումբը ճամփա ընկավ։ Իբրև ուղեցույց առջևից գնում էր երիտասարդ առաջնորդը, որը զայրույթով հրաժարվեց որևէ բեռ տանելուց։ Նրա ետևից քայլում էին ողջ մնացած երկու հնդկացիները արշավախմբի ամբողջ աղքատիկ ունեցվածքը շալակած։ Հրացանները պատրաստ պահած մեր քառյակը վերջափակում էր այդ երթը։ Հենց որ դուրս եկանք թփուտներից, մինչև այժմ լուռ թավուտը հանկարծ լցվեց մարդակապիկների վայրենի ոռնոցներով։ Նրանք ոչ այն է ցնծում էին, ոչ այն է չարախնդում մեր հեռանալու առթիվ։ Ետ նայելով՝ մենք ոչինչ չտեսանք, բայց այդ ձիգ ոռնոցը պարզ ասում էր, թե որքան թշնամիներ են թաքնվել մեզ ամեն կողմից շրջապատող կանաչի համատարած պարսպի ետևում։ Սակայն ըստ երևույթին կապիկները մտադիր չէին հարձակվել մեզ վրա․ դուրս գալով ավելի բաց մի տեղ, մեր վախը բոլորովին անցավ։ | ||
+ | |||
+ | Ես քայլում էի ամենավերջում և ակամա ժպտում էի՝ նայելով ընկերներիս։ Մի՞թե դա այն փառահեղ լորդ Ռոքստոնն էր, որը ոչ այնքան վաղուց ինձ ընդունեց Օլբենիի իր սենյակների վարդագույն շքեղության մեջ, որոնց հատակները ծածկված էին պարսկական գորգերով, պատերը զարդարված նկարներով։ Մի՞թե սա այն պրոֆեսորն է, որն այնպես վեհապանծորեն բազմել էր Էնմոր֊Պարկի իր տանը, վիթխարի գրասեղանի ետևում։ Եվ վերջապես, ո՞ւր կորավ այն մռայլ, մանրախնդիր գիտնականը, որ հանդես եկավ Կենդանաբանական ինստիտուտի ժողովում։ Մի՞թե Անգլիայի գյուղամիջյան ճանապարհներին հանդիպող թափառաշրջիկներն ունենում են այսպիսի ողորմելի, վհատ կերպարանք։ | ||
+ | |||
+ | Ընդամենը մի շաբաթ ենք անցկացրել սարահարթում, բայց մեր պահեստի հագուստը ներքևում մնաց, իսկ այդ մի շաբաթը հեշտ շաբաթ չէր, չնայած ես առանձնապես գանգատվելու առիթ չունեի, որովհետև այն գիշեր կապիկների ճանկը չէի ընկել։ Զրկվելով գլխարկներից, ընկերներս գլուխները կապել էին թաշկինակներով, հագուստը ծվեն֊ծվեն կախվել էր նրանց վրայից, իսկ կեղտաշերտը և չսափրված մազերը համարյա անճանաչելի էին դարձրել բոլորին։ Սամերլին ու Չելենջերը խիստ կաղում էին, ես նույնպես ոտքերս հազիվ էի քարշ տալիս, դեռևս ինչպես հարկն է չկազդուրված առավոտյան ցնցումից, և դժվարությամբ էի շարժում վիզս, որը փայտացել էր կապկի մահացու ռխումից հետո։ Այո, շատ տխուր տեսք ունեինք մենք, և ինձ բոլորովին չէր զարմացնում, որ մեր ուղեկից հնդկացիները մի գլուխ ետ էին դառնում, տարակուսանքով և նույնիսկ սարսափով նայելով մեզ։ | ||
+ | |||
+ | Կեսօրից բավական անցել էր, երբ մացառուտից դուրս եկանք լճափ։ Հնդկացիները տեսան նրա ընդարձակ մակերեսը և ուրախ ճիչերով ձեռքները թափահարեցին, մեզ ջուրը ցույց տալով։ Տեսարանն իսկապես զարմանալի էր։ Ուղիղ դեպի մեզ էր լողում թեթև նավակների մի ամբողջ տորմիղ։ Նրանք դեռևս հեռու էին, մի քանի մղոնի վրա, բայց այդ տարածությունն այնպես արագ էր կրճատվում, որ շուտով թիավարողները ճանաչեցին, թե ովքեր են կանգնած ափին։ Ցնծագին ձայները որոտի նման տարածվեցին լճակի վրա։ Վեր թռչելով տեղներից՝ հնդկացիները ճոճում էին թիակներն ու նիզակները։ Հետո նորից սկսեցին թիավարել և մի ակնթարթում անցան մնացած տարածությունը, նավակները դուրս քաշեցին ավազոտ թեք ափը և ողջյունի բացականչություններով բերանքսիվայր փռվեցին երիտասարդ առաջնորդի առաջ։ Դրանից հետո ամբոխի միջից դուրս եկավ հասակավոր մի հնդկացի՝ զարդարված խոշոր, փայլուն ապակու կտորներից պարտաստված մանյակով ու ապարանջանով և ուսին դրած սքանչելի բծավոր մորթով, որը փայլփլում էր սաթի պես։ Նա վազելով մոտեցավ պատանուն, քնքշությամբ գրկեց նրան, հետո նայեց մեր կողմը, ինչ֊որ բան հարցրեց և, մոտենալով մեզ, առանց ստորաքարշության, մեծ արժանապատվությամբ գրկեց մեզ հերթով։ Նրա մի խոսքով մնացած հնդկացիները ի նշան հարգանքի խոնարհվեցին մեր առաջ մինչև գետին։ Անձամբ ինձ այդ ստրկամտությունը վրդովեց, ինչպես երևում է լորդ Ջոնին և Սամերլիին ևս շփոթեցրեց, մինչդեռ Չելենջերը բացվեց, ինչպես արևից ջերմացած ծաղիկ։ | ||
+ | |||
+ | ― Գուցե այս բնիկները իրենց զարգացման մեջ շատ էլ հեռու չէին գնացել, ― ասաց նա, շոյելով մորուքն ու զննելով մեր առաջ փռված մարմինները, ― բայց լուսավորյալ եվրոպացիներից ոմանք հարկ է, որ սովորեն սրանցից, թե ինչպես պետք է պահել իրեն բարձրագույն էակների ներկայությամբ։ Մի տես, թե որքան անսխալ է նախնադարյան մարդու բնազդը։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչից դատելով՝ հնդկացիները ռազմական արշավի էին դուրս եկել, որովհետև բացի բամբուկե երկար նիզակներից, յուրաքանչյուրն ուներ նետ ու աղեղ, մահակ կամ գոտկին խրած քարե կացին։ Մռայլ, ցասկոտ հայացքները, որ նրանք նետում էին անտառի կողմը, որտեղից մենք դուրս եկանք, և «դո դա» խոսքի հաճախակի կրկնությունը վկայում էին, որ այդ արշավի նպատակն էր կամ փրկել ծեր առաջնորդի որդուն (մենք գլխի ընկանք նրանց արյունակից լինելը), կամ վրեժ լուծել նրա մահվան համար։ Այժմ նրանք նստեցին շրջանաձև և ռազմական խորհուրդ արին, իսկ մենք տեղավորվեցինք մի քիչ հեռու, բազալտի մի մեծ բեկորի վրա և սկսեցինք հետևել, թե ինչ է տեղի ունենում։ Առաջին հերթին խոսեցին ռազմիկները, իսկ հետո կրակոտ խոսքով իր ցեղին դիմեց նաև մեր պատանի բարեկամը։ Նրա խոսքն ուղեկցվում էր այնպիսի պերճախոս դիմախաղով ու շարժումներով, որ մենք ամբողջովին հասկացանք այն, ասես թե այդ լեզուն ծանոթ էր մեզ։ | ||
+ | |||
+ | ― Արժե՞ միթե այժմ տուն վերադառնալ, ― ասում էր նա։ ― Վաղ թե ուշ հարկ կլինի կանգնել մեր թշնամուն դեմառդեմ։ Մեր եղբայրներն սպանված են։ Ինչ օգուտ, որ ես մնացի ողջ և անվնաս, երբ ուրիշները մեռան։ Ձեզանից ո՞վ կարող է հանգիստ լինել իր կյանքի համար։ Հիմա մենք բոլորս հավաքված ենք։ ― Նա ցույց տվեց մեզ։ ― Այս եկվորները՝ մեր բարեկամներն են։ Նրանք մեծ ռազմիկներ են ու մեզ նման էլ ատում են կապիկներին։ Շանթն ու որոտը ենթարկվում են նրանց։ ― Այստեղ նա ձեռքը պարզեց դեպի երկինք։ ― Մի ուրիշ անգամ այսպիսի դեպք կպատահի՞։ Ուրեմն գնանք առաջ՝ կամ կմեռնենք, կամ խաղաղ կյանք ձեռք կբերենք մեզ համար, և այն ժամանակ ամոթ չի լինի մեր կանանց մոտ վերադառնալ։ | ||
+ | |||
+ | Փոքրիկ կարմրամորթ ռազմիկներն ագահությամբ լսում էին իրենց առաջնորդին, իսկ երբ նա վերջացրեց, ցնծագին աղաղակներ արձակեցին և մի մարդու պես նիզակները նետեցին օդի մեջ։ Նրա հայրը ինչ֊որ բան հարցրեց մեզնից, մատնացույց անելով անտառը։ Լորդ Ջոնը նշանացի հասկացրեց նրան սպասել և դիմեց մեզ։ | ||
+ | |||
+ | ― Դե, ամեն մեկը թող իր համար որոշի, ― ասաց նա։ ― Ես անձնապես դեմ չեմ կապիկների հետ հաշիվներս մաքրելու, և եթե բանը վերջանա երկրի երեսից նրանց բնաջնջելով, ապա այս երկիրը կծաղկի միայն այդպիսի օպերացիայից հետո։ Ես կգնամ մեր նոր բարեկամների հետ և չեմ լքի նրանց մինչև հաղթական վախճանը։ Ի՞նչ կասեք դուք, երիտասարդ։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ես ձեզ հետ եմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դո՞ւք, Չելենջեր։ | ||
+ | |||
+ | ― Կարող եք հուսալ իմ օգնության վրա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դո՞ւք, Սամերլի։ | ||
+ | |||
+ | ― Մենք ավելի ու ավելի ենք շեղվում մեր արշավախմբի նպատակից, լորդ Ջոն։ Հավատացնում եմ ձեզ, որ ես իմ պրոֆեսորական ամբիոնը Լոնդոնում նրա համար չթողի, որպեսզի գլխավորեմ կարմրամորթների հարձակումը մարդանման կապիկների գաղութի վրա։ | ||
+ | |||
+ | ― Այո, իսկապես որ, որքա՜ն ցած ենք ընկել մենք, ― ժպտալով ասաց լորդ Ջոնը։ ― Բայց ինչ արած, հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Դե, սպասում ենք ձեր պատասխանին։ | ||
+ | |||
+ | ― Դա խիստ կասկածելի խաղ է, ― անձնատուր չէր լինում Սամերլին, ― բայց եթե բոլորդ գնում եք, ես կամա թե ակամա պետք է հետևեմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, վճռված է, ― ասաց լորդ Ջոնը, և շուռ գալով դեպի ծերունի առաջնորդը, հաստատորեն գլխով արավ ու ափով թփթփացրեց հրացանը։ | ||
+ | |||
+ | Ծերունին սեղմեց մեր ձեռքերը, իսկ նրա ցեղակիցները է՛լ ավելի ցնծագին աղաղակներ արձակեցին։ | ||
+ | |||
+ | Երթի դուրս գալու համար արդեն ուշ էր, ուստի հնդկացիները շտապով ճամբար զարկեցին։ Ամենուրեք ծխացին֊բոցավառվեցին խարույկները։ Մի փոքր խումբ գնաց ջունգլի ու վերադարձավ, առաջն առած մի փոքր իգուանադոն, որի մեջքին նույնպես ասֆալտի քսվածքներ կային։ Մի հնդկացի մոտեցավ ու կարգադրեց մորթել նրան, և մենք միայն այժմ հասկացանք, որ վիթխարի իգուանադոննրը բնիկների սեփականությունն են, ինչպես մեզանում՝ եղջերավոր անասունները։ Հետևաբար, ասֆալտե հանելուկային բծերն ընդամենը խարանի կամ դրոշմի նման մի բան էին։ Այդ բութ, խոտակեր արարածներն օժտված են պստլիկ ուղեղով։ Չնայած իրենց վիթխարի չափերին, նրանք աչքի են ընկնում այնպիսի անզորությամբ, որ նույնիսկ երեխան նրանց հետ գլուխ կհանի։ Մի քանի րոպե էլ չէր անցել, որ իգուանադոնին քերթեցին, և մսի պատառներն արդեն խորովվում էին խարույկների վրա ինչ֊որ թեփուկավոր ձկան հետ միասին, որը հնդկացիները որսացել էին լճում, եռաժանիի փոխարեն գործի դնելով նիզակները։ | ||
+ | |||
+ | Սամերլին պառկեց ավազի վրա ու քնեց, իսկ մենք երեքով գնացինք թափառելու լճափին վառված այդ արտասովոր երկրի մասին որքան կարելի է շատ բան իմանալու ցանկությամբ։ Մի քանի անգամ մեր ճամփին պատահեցին նույնպիսի կապտակավ փոսեր, ինչպես պտերոդակտիլների ճահճում։ Այդ չգործող հրաբխային խառնարանները չգիտես ինչու խիստ հետաքրքրեցին լորդ Ջոնին։ Չելենջերն ևս իր ուշադրությանն արժանի մի բան գտավ՝ դա ուժեղ խփող ցեխի մի հեյզեր էր, որի շիթերը շարունակ եռում էի պղպջակներով՝ մեզ անծանոթ ինչ֊որ գազ արձակելով։ Չելենջերը սնամեջ եղեգնը իջեցրեց հեյզերի մեջ, լուցկին մոտեցրեց նրան և դպրոցականի պես ուրախության ճիչ արձակեց, երբ գազը տրաքեց ու վառվեց կապույտ բոցով։ Հետո նա կաշվե քսակը հարմարեցրեց եղեգնի եզրին, լցրեց այն գազով և բաց թողեց օդի մեջ։ Այդ փորձը է՛լ ավելի հիացմունք պատճառեց պրոֆեսորին։ | ||
+ | |||
+ | ― Այրվող գազ և այն էլ ինչպիսի՜ն՝ օդից թեթև․․․ Այժմ ես համոզված եմ, որ սա իր մեջ զգալի քանակությամբ ազատ ջրածին է պարունակում։ Սպասեցեք, բարեկամներս։ Ջորջ Էդուարդ Չելենջերը դեռ իր բոլոր հնարավորությունները չի սպառել։ Մեծ միտքը միշտ էլ ստիպում է բնությանը ծառայել իրեն։ Դուք դեռևս ձեր սեփական աչքերով կհամոզվեք դրանում։ Նա հպարտությամբ կուրծքը դուրս գցեց, բայց այնպես էլ իր գաղտնի մտահղացումները չբաժանեց մեզ հետ։ | ||
+ | |||
+ | Ինչ վերաբերում է ինձ, ապա լճափը պակաս հետաքրքրիր էր թվում բուն լճի համեմատությամբ։ Հնդկացիների հայտնվելն ու ճամբարի աղմուկը վախեցրին բոլոր կենդանի արարածներին։ Ոչինչ չէր խանգարում շրջապատի լռությունը, եթե չհաշվենք մի քանի պտերոդակտիլների, որոնք սավառնում էին բարձրում, աշխատելով լեշ տեսնել։ Բայց կենտրոնական լճի վարդագույն ջրերն ապրում էին իրենց կյանքով։ Ինչ֊որ կենդանիների սև թերթաքարե, վիթխարի մեջքերը և ատամնավոր լողակները շարունակ արծաթե ցայտեր էին նետում ջրի երեսին և նորից կորչում խորքերում։ Ավազուտներում վխտում էին այլանդակ արարածներ, ― ոչ այն է հսկայական կրիաներ, ոչ այն է խլեզներ, որոնց մեջ առանձնապես աչքի էր ընկնում մի հրեշ՝ տափակ, ինչպես կաշվի կտոր․ նա ցնցվում էր իր ամբողջ մաշկով, որը փայլում էր ճարպախալերով։ Նա դանդաղ սողաց ավազի վրայով։ Ժամանակ առ ժամանակ ջրի միջից հանկարծ դուրս էին ցցվում ինչ֊որ օձանման արարածների գլուխներ, որոնք նազելիորեն գալարվելով լողում էին, վզերի շուրջը փրփուրե օձիքներ, նույնպիսի փրփրացող քղանցատուտ թողնելով ետևներից։ Բայց, ինչպես պարզվեց, դրանք բոլորովին էլ օձեր չէին։ Մի այդպիսի արարած մեզնից ոչ հեռու դուրս սողաց ավազի վրա, և մենք տեսանք, որ նրա երկար պարանոցը միանում է հսկայական թաղանթալողակներ ունեցող գլանաձև իրանին։ Չելենջերը և Սամերլին, որն արդեն միացել էր մեզ, զարմանքից ու հիացմունքից գլուխները կորցրել էին։ | ||
+ | |||
+ | ― Պլեզիոզա՛վր,<ref>Պլեզիոզավր ― մեռած ծովային գիշատիչ սողուն, որն ուներ լայն, կարծրացած մարմին, խոշոր մաշկաթաթերով և երկար պարանոցով։ Որոշ ներկայացուցիչներ հսկայական չափերի էին հանսում։</ref> քաղցրաջուր պլեզիոզա՛վր, ― բացականչեց Սամերլին։ ― Եվ ես տեսնում եմ նրան սեփական աչքերով։ Թանկագին Չելենջեր, կենդանաբաններից ո՞վ կարող է պարծենալ այդպիսի երջանկությամբ։ | ||
+ | |||
+ | Վրա հասավ գիշերը, մեր կարմրամորթ դաշնակիցների խարույկներն արդեն կարմրին էին տալիս մթության մեջ, երբ վերջապես մեզ հաջողվեց երկու պրոֆեսորներին հեռացնել նրանց կախարդող նախնադարյան լճից։ Բայց նույնիսկ պառկած ջրից հեռու, մենք շարունակում էինք լսել ջրի խորքում ապրող աժդահա հրեշների փնչոցներն ու ջրի ճողփյունը։ | ||
+ | |||
+ | Լուսաբացի առաջին շողերի հետ ամբողջ ճամբարը ոտքի վրա էր։ Մի ժամ հետո դուրս եկանք մեր անօրինակ արշավին։ Ես հաճախ եմ երազել ապրել մինչ այն րոպեն, երբ ինձ իբրև զինվորական թղթակից կուղարկեին ճակատ։ Բայց ո՞ր երազողը կարող էր այսպիսի արշավանք պատկերացնել, ինչպիսին ճակատագիրը բաժին էր հանել ինձ։ Եվ այսպես, անցնում եմ իմ «առաջին զեկուցագրին ռազմական գործողությունների թատերաբեմից»։ | ||
+ | |||
+ | Գիշերվա ընթացքում մեր ուժերը համալրվել էին բնիկների նոր ջոկատներով, այնպես որ առավոտյան զորքն արդեն հասնում էր մոտ հինգ հարյուր հոգու։ Հետախույզներ էին ուղարկված առաջ, իսկ նրանց ետևից սեղմ շարասյուներով շարժվում էին գլխավոր ուժերը։ Մենք բարձրանում էինք զառիկող լանջով, որը ծածկված էր թփերով, և դուրս եկանք ջունգլիների մոտ։ Նիզակավորները և նետաձիգները անհավասար շղթայով ցրվեցին անտառեզրի երկարությամբ։ Ռոքստոնն ու Չելենջերը տեղ գրավեցին աջ թևում, ես և Սամերլին՝ ձախում։ Եվ այսպես, զինված հրացանային տեխնիկայի վերջին խոսքով, մենք կռվի էինք տանում քարե դարի վայրի հորդային։ | ||
+ | |||
+ | Հակառակորդը երկար սպասեցնել չտվեց։ Թավուտ անտառը լցվեց երկարաձիգ ոռնոցով, և մահակներով ու քարերով զինված մարդակապիկների ոհմակը նետվեց հարձակվող հնդկացիների կենտրոնի վրա։ Դա համարձակ, բայց բավականին անմիտ մանևր էր, որովհետև անշնորհք, ծուռթաթ այդ էակները չէին կարող չափվել կատվի նման ճարպիկ բնիկների հետ։ | ||
+ | |||
+ | Մի զարհուրելի տեսարան բացվեց մեր առաջ։ Մոլեգնած, փրփրաբերան կապիկները, աչքները կատաղորեն փայլեցնելով, նետվում էին իրենց դյուրաշարժ թշնամիների վրա, որոնք նետահարում էին նրանց։ Իմ մոտից ոռնոցով սլացավ մի վիթխարի հրեշ, կողքերին ու կրծքին նետեր շարվված։ Մեղքս եկավ նրան ու կրակեցի՝ նա ցած տապալվեց հալվեի թփերի մոտ։ Բայց այլևս հարկ չեղավ կրակելու, քանի որ հարձակումն ուղղված էր ուղիղ դեպի շղթայի կենտրոնը, և հնդկացիները ետ մղեցին այն առանց մեր օգնության։ Այդ գրոհին մասնակցած կապիկներից հազիվ թե մեկնումեկը ողջ ու անվնաս պրծած լիներ ծառերի պահպանության տակ։ | ||
+ | |||
+ | Բայց երբ մտանք անտառ, խնդիրն ավելի լուրջ բնույթ ընդունեց։ Կատաղի մարտը տևեց մի ժամից ավելի, և ժամանակ առ ժամանակ ինձ թվում էր, թե մեր երգը երգված է։ Կապիկները դուրս էին թռչում թավուտից և մահակի մի հարվածով մեկեն երեք֊չորս հնդկացու ցած փռում՝ ժամանակ չտալով նրանց մինչև իսկ նիզակները գործի դնելու։ Այդ ծանր մահակների հարվածները կործանիչ էին։ Դրանցից մեկը իջավ Սամերլիի հրացանին, որից միայն տաշեղներ մնացին։ Մի րոպե ևս, և նույպիսի բախտ կվիճակվեր նրա գլխին, բայց ժամանակին վրա հասած հնդկացին նիզակահարեց մահակը վեր քաշած թշնամուն։ Ծառերին բարձրացած կապիկները քարեր և հսկայական ոստեր էին շպրտում մեզ վրա, ցատկում էին ներքև, խառնակույտի մեջտեղը, և կռվում էին կատաղաբար, մինչև արյան վերջին կաթիլը։ Հնդկացիներն ընկրկեցին, և եթե մեր հրացանների կրակը չլիներ, որը հսկայական վնաս էր պատճառում թշնամուն, ոչ մի բան նրանց ետ չէր պահի փախուստից։ Սակայն առաջնորդը նորից համախմեց իր ռազմիկներին և այնպիսի թափով գրոհի տարավ նրանց, որ այժմ արդեն մարդակապիկներն էին ստիպված նահանջելու։ Սամերլին անզեն էր, բայց ես գնդակ գնդակի ետևից էի ուղարկում, իսկ աջ թևից նույնպես անընդհատ կրակոց էր լսվում։ | ||
+ | |||
+ | Վերջապես խուճապը համակեց կապիկներին։ Ոռնալով ու ճղճղալով, նրանք դեսուդեն ընկան, իսկ մեր դաշնակիցները վայրի աղաղակներով նետվեցին նրանց ետևից։ | ||
+ | |||
+ | Այդ օրը պետք է հատուցեր մարդուն այն գժտությունների համար, որոնք չէին դադարում դարեդար, այն բոլոր դաժանությունների ու հալածանքների համար, որով հարուստ էր նրա աղքատիկ պատմությունը։ Այսուհետև նա դառնում էր սարահարթի տերը, իսկ մարդագազանը պետք է մեկընդմիշտ գրավեր իրեն արժանի ենթակայական տեղը։ | ||
+ | |||
+ | Ինչպես էլ որ սլանում էին պարտվածները, այնուամենայնիվ ոչ մի բան նրանց չէր կարող փրկել հնդկացիներից։ Թավուտ անտառը շարունակ թնդում էր հաղթական ճիչերից, նետերի սուլոցից և ծառերից վայր ընկնող մարմինների խուլ թրմփոցից։ | ||
+ | |||
+ | Ես վազում էի բոլորի հետ, երբ հանկարծ դեմ առա լորդ Ջոնին և Չելենջերին, որոնք մեզ էին փնտրում։ | ||
+ | |||
+ | ― Դե, վերջացած է, ― ասաց լորդ Ջոնը։ ― Եզրափակիչ մասը կարելի է թողնել հնդկացիներին։ Տեսարանը հաճելի չի լինի։ Որքան քիչ տեսնենք, այնքան ավելի հանգիստ կլինենք։ | ||
+ | |||
+ | Չելենջերի աչքերը վառվում էին մարտական կրակով։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամներ, մեզ բախտ վիճակվեց ներկա գտնվել այն ճակատամարտերից մեկին, որոնք որոշում են պատմության հետագա ընթացքը, աշխարհի ճակատագիրը, ― ազդարարեց նա՝ հպարտ տեսքով ետ ու առաջ քայլելով մեր առաջ։ ― Ի՞նչ է նշանակում մի ժողովրդի հաղթանակը մյուսի նկատմամբ։ Պարզապես ոչինչ։ Նա դրությունը չի փոխում։ Բայց դաժան մարտերը այն ժամանակների արշալույսին, երբ քարայրաբնակները հաղթում էին վագրերին կամ երբ փիղն առջին անգամ իմացավ, որ ինքը տեր ունի՝ ահա դրանք իսկական նվաճումների էին, իսկական հաղթանակներ, որոնք հետք են թողնում պատմության մեջ։ | ||
+ | |||
+ | Ինչպիսի՜ հավատ պետք էր ունենալ նման ջարդերի վերջնական նպատակահարմարության մասին, արդարացնելու համար դրանց դաժանությունը։ | ||
+ | |||
+ | Անտառում քայլելիս ամեն քայլափոխում հանդիպում էինք կապիկների դիակների, որոնք խոցված էին հնդկացիների նետերով ու նիզակներով։ Մարդկային այլանդակված մարմինները ցույց էին տալիս առանձնապես տաք գոտեմարտի վայրերը, երբ թշնամին իր կյանքը թանկ էր վաճառել։ Առջևից շարունակ լսվում էին ճիչ ու ոռնոցներ, որոնցով մենք հետևում էինք հետապնդման ուղղությանը։ Մարդակապիկներին քշում էին դեպի իրենց քաղաքը, որտեղ նրանք հավաքեցին իրենց վերջին ուժերը։ Բայց ճնշվեցին։ Մենք վրա հասանք ճիշտ ժամանակին, որպեսզի ներկա գտնվենք եզրափակիչ ահավոր տեսարանին։ Հնդկացիները կռվում փրկված մոտ հարյուր կապիկների քշեցին քարափի եզրին գտնվող այն նույն այն բացատը, ոըը երկու օր առաջ վկա էր եղել մեր սխրագործություններին։ Մենք մոտեցանք այն րոպեին, երբ հաղթողները, նիզակները պատրաստ պահած, այդ խումբն առան կիսաշրջանի մեջ։ Ամեն ինչ վերջացավ մի քանի վայրկյանում։ Երեսուն֊քառասուն կապիկ փռվեցին տեղնուտեղը։ Մնացածները ճղավում էին, պաշտպանվում, բայց դա ոչնչով չօգնեց գործին։ Կապիկներին նետեցին անդունդ, ուր նրանք արժանացան իրենց նախկին զոհերի բախտին՝ դեմ առնելով սուր֊սուր բամբուկներին, որոնք աճում էին ներքևում, վեց հարյուր ոտնաչափ խորությամբ։ | ||
+ | |||
+ | Չելենջերն իրավացի էր՝ այսուհետև մարդն ընդմիշտ իր իշխանությունը հաստատեց Մեպլ֊Ուայտի Երկրում։ Կապկացեղի արուները մինչև վերջ ոչնչացվեցին, նրանց քաղաքն ավերվեց, էգերն ու ձագերը գերություն քշվեցին։ Վերջին արյունալի մարտը վերջ դրեց մարդու և կապկի դարավոր ներքին պատերազմին։ | ||
+ | |||
+ | Այդ հաղթանակը մեզ ևս նեղ տեղից հանեց։ Մենք վերադարձանք Չելենջերի ամրոցը, այնտեղ թողնված պաշարների մոտ, և կապ հաստատեցինք մեր նեգրի հետ, որը մահու չափ վախեցել էր, տեսնելով, թե կապիկներն ինչպես են կարկուտի նման թափվում անդունդ։ | ||
+ | |||
+ | ― Հեռացե՛ք էդտեղից, հեռացեք, ― ձայն էր տալիս նա, սարսափից աչքերը չռած։ ― Էստեղ դև, նա ձեզ կկործանի։ | ||
+ | |||
+ | ― Նեգրի բերանով ճշմարտությունն է խոսում, ― համոզված ասաց Սամերլին։ ― Բավական են արկածները, մանավանդ, որ նրանք իրենց բնույթով բոլորովին մեր աստիճանի մարդկանց համար չեն։ Չելենջեր, հիշեցնում եմ ձեզ ձեր խոսքերը։ Այսուհետև դուք պետք է մտածեք միայն այն մասին, թե ինչպես դուրս գանք այս ահավոր երկրից և վերադառնանք քաղաքակրթված աշխարհ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XV «Մեր աչքերի առաջ այնքան հրաշքներ բացվեցին»== | ||
+ | |||
+ | |||
+ | Օրեցոր առաջ եմ տանում օրագիրս և այնուամենայնիվ սպասում այն րոպեին, երբ կարելի կլինի գրել, որ մեր գլխին կախված ամպերը ցրվեցին, ու արևը դուրս նայեց նրանց միջից։ Մինչև հիմա չգիտենք, թե այստեղից ինչպես դուրս գանք, և դառնորեն գանգատվում ենք ճակատագրից։ Բայց և այնպես ես բոլորովին պարզ պատկերացնում եմ, որ երբևէ շնորհակալությամբ կհիշենք այս հարկադրական հապաղման մասին, որը հնարավորություն տվեց դիտելու Մեպլ֊Ուայտի Երկրի նորանոր հրաշքները և նրա բնակիչների կյանքը։ | ||
+ | |||
+ | Հնդկացիների հաղթանակը մարդակապիկների ցեղի դեմ մեկեն փոխեց մեր վիճակը։ Այդ օրվանից մենք դարձանք սարահարթի իսկական տերերը, որովհետև բնիկները երկյուղով ու շնորհակալությամբ էին նայում մեզ, հիշելով, որ մեր հրաշագործ ուժը օգնեց նրանց հաշիվ տեսնելու իրենց վաղեմի թշնամիների հետ։ Նրանք, հավանորեն, դեմ չէին լինի, եթե այդ հզոր ու հանելուկային արարածները բոլորովին հեռանային սարահարթից, բայց ըստ երևույթին վայրէջքի ճանապարհը անհայտ էր նրանց։ Որքան հաջողվեց հասկանալ նրանց նշաններից, սարահարթն առաջ դաշտավայրի հետ կապված էր եղել թունելով, որի ներքևի ծայրը մենք տեսել էինք լեռնապարը շրջանցելիս։ Անհիշելի ժամանակներում այդ ճանապարհով սարահարթ էին բարձրացել մարդակապիկներն ու հնդկացիները, իսկ ոչ այնքան առաջ նրանցից օգտվել էր Մեպլ֊Ուայտն իր ընկերոջ հետ։ Բայց մի տարի առաջ այստեղ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, և թունելի վերևի մասը պինդ խցանվել էր ժայռի բեկորներով։ Երբ մենք ցանկություն հայտնեցինք իջնել ներքև, հովիտը, հնդկացիները միայն ուսերը թոթվեցին ու բացասաբար շարժեցին գլուխները։ Արդյոք իսկապե՞ս նրանք չէին կարող մեզ օգնել, թե՞ չէին ուզում՝ դժվար է ասել։ | ||
+ | |||
+ | Հաղթական արշավից հետո հնդկացիները ողջ մնացած կապիկներին քշեցին սարայարթի մյուս ծայրը (աստվա՛ծ իմ, ճամփին նրանք ինչպե՜ս էին ոռնում) և բնակեցրին իրենց քարայրներից ոչ հեռու։ Այդ օրվանից կապիկների ցեղը դարձավ մարդու լիակատար ստրուկը։ | ||
+ | |||
+ | Գիշերային լռության մեջ հաճախ էին լսվում երկար ու ձիգ աղաղակները որևէ նախնադարյան Եզեկիայի, որը ողորմ էր իր երբեմնի փառքը և կապկային քաղաքի երբեմնի մեծությունը։ Այսուհետև նվաճված կապիկները պետք է գոհանային իրենց տիրոջ՝ մարդու մոտ փայտահատների ու ջրկիրների համեստ դեր կատարելով։ | ||
+ | |||
+ | Ճակատամարտից երկու օր հետո նորից կտրեցինք սարահարթը և ճամբար զարկեցինք կարմիր ժայռերի ստորոտում։ Հնդկացիներն առաջարկեցին տեղավորվել քարայրներում, բայց լորդ Ջոնը չհամաձայնեց, գտնելով, որ եթե նրանք որևէ դավ նյութեն մեր դեմ, ապա մենք ամբողջովին նրանց իշխանության տակ կլինենք։ | ||
+ | |||
+ | Գերադասեցինք չկորցնել մեր անկախությունը և, ամենալավ հարաբերություններ պահպանելով դաշնակիցների հետ, համենայն դեպս զենքը պատրաստ էինք պահում։ Հաճախ էինք լինում նրանց քարայրներում, բայց այնպես էլ չպարզեցինք, թե հնդկացիներն ո՞ւմ էին պարտական այդ հիանալի կացարանով՝ իրենք իրե՞նց, թե բնությանը։ Քարայրները փորված էին միևնույն բարձրության վրա, ինչ֊որ փխրուն ապարում, որը տարածվել էր հրաբխային ծագում ունեցող կարմրավուն բազալտի և ամուր գրանիտի միջև։ Վերջինս ծառայում էր իբրև ապառաժների հիմք։ | ||
+ | |||
+ | Քարայրները գտնվում էին գետնից մոտավորապես ութսուն ոտնաչափ բարձրության վրա, դեպի նրանց մուտքերը տանում էին քարե աստիճաններ, այնքան նեղ ու թեք, որ ոչ մի խոշոր կենդանի չէր կարող բարձրանալ դրանցով։ Ներսում տաք էր ու չոր։ Քարայրները տարբեր խորությամբ էին մտնում ապառաժների մեջ․ նրանց հարթ, գորշ պատերին ձգվում էին ածխափայտիներով նկարած սքանչելի պատկերներ, կենդանիներ, որոնք ապրում էին սարահարթում։ Եթե Մեպլ֊Ուայթի երկրում ոչ մի կենդանի արարած չմնար, ապագա հետազոտողը այդ քարայրների պատերին սպառիչ տեղեկություններ կգտներ նրա տարօրինակ ֆաունայի մասին, քանի որ այնտեղ կար ամեն ինչ՝ և դինոզավր, և՛ իգուանադոններ, և՛ թեփամորթների բոլոր տեսակները։ | ||
+ | |||
+ | Իմանալով, որ հիմա իգուանադոնները հնդկացիների մոտ ձեռնասուն կենդանիներ կամ ավելի ճիշտ մի տեսակ քայլող մսի պահեստներ են համարվում, մենք կարծում էինք, թե մինչև իսկ այնպիսի անկատար զենքերի առկայությամբ, ինչպիսիք են նիզակը և նետ֊աղեղը՝ մարդն իր լիակատար տիրապետությունն է հաստատել սարահարթում։ Սակայն շուտով համոզվեցինք, որ դա ճիշտ չէ, որ առայժմ նրանց այստեղ հանդուրժում են միայն։ | ||
+ | |||
+ | Դրաման տեղի ունեցավ քարայրների մոտ մեր տեղափոխվելուց երկու օր հետո։ Չելենջերն ու Սամերլին առավոտից գնացել էին լճի մոտ, ուր բնիկները հարպուններով խոշոր թեփամորթներ էին որսում նրանց համար։ Ես ու լորդ Ջոնը մնացել էինք ճամբարում։ Մեզնից ոչ հեռու, քարայրների առաջ, կանաչապատ զառիվայրին երևում էին գործով զբաղված հնդկացիներ։ Հանկարծ հարյուրավոր ձայներ զիլ կանչեցին․ «Ստո՛ա, ստո՛ա»։ Մեծ ու փոքր ամեն կողմից նետվեցին դեպի քարայրները և իրար հրհրելով սկսեցին քարե աստիճաններով մագլցել դեպի վեր։ | ||
+ | |||
+ | Հասնելով իրենց կացարանները նրանք ձեռքները թափահարեցին՝ հրավիրելով մեզ որքան կարելի է շուտ միանալ նրանց։ Մենք խլեցինք հրացանները և վազեցինք պարզելու, թե ինչ է պատահել։ Իսկ այդ պահին փոքրիկ պուրակից ամբողջ թափով դեպի մեզ էին վազում տասը֊տասնհինգ հնդկացիներ, որոնց կրնկակոխ հետապնդում էին երկու հրեշ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսին հին ճամբարում հայտնված մեր անկոչ հյուրն էր, և իմ գիշերային հետապնդողը։ Նրանք առաջ էին շարժվում ցատկումներով և նման էին հսկա, նողկալի դոդոշների։ Մինչև այժմ մենք այդ հսկաներին տեսել էինք միայն մթության մեջ, որովհետև նրանք գիշերն են որսի ելնում, իսկ ցերեկն իրենց որջերից դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ նրանց անհանգստացնում են, ինչպես այս անգամ։ Կանգնել էինք՝ ապշահար մեր առաջ բացված տեսարանից։ Այդ հրեշների պուտ֊պուտ գորտնուկավոր մաշկը արևի տակ փայլփլում էր բոլոր գույներով, շողում ինչպես ձկնաթեփուկ։ Ասենք, մեզ երկար դիտել չվիճակվեց, որովհետև այդ վիթխարի դոդոշները մի քանի թռիչքով հասան դժբախտ հնդկացիներին․․․ Եվ այստեղ սկսվեց մի զարհուրելի բան։ Իրենց ողջ ծանրությամբ փլվելով ամենամոտիկ զոհի վրա, նրանք թողին նրան՝ ճզմված, այլանդակված, և նետվեցին հաջորդի ետևից։ Հնդկացիները վայրի աղաղակներով սլանում էին դեպի քարայրները, բայց չկարողացան ազատվել հետապնդողներից։ Նրանք կործանվում էին իրար ետևից, և այն պահին, երբ լորդ Ջոնն ու ես օգնության հասանք, նրանց ողջ խմբից հազիվ հինգ֊վեց հոգի էր մնացել։ Ասենք, մենք ոչ միայն չօգնեցինք նրանց, այլև քիչ մնաց ինքներս էլ զոհվեինք։ Գնդակ գնդակի ետևից խրվում էր այդ արարածների մարմնի մեջ, նույնպիսի ազդեցություն թողնելով, ինչպես եթե մեր հրացանները լցված լինեին թղթե գնդիկներով։ Բայց չէ՞ որ մենք կրակում էինք մի երկու հարյուր քայլից։ Վիթխարի սողունները վերքերից չէին վախենում, իսկ ուղեղային կենտրոնական ապարատի բացակայությունը նույնիսկ ամենաժամանակակից զենքը դարձնում էր անօգուտ նրանց դեմ կռվելիս։ Միակ բանը, որ մեզ հաջողվեց, այդ կրակոցների ձայնով ու կրակի բռնկումներով նրանց ուշադրությունը գրավելն էր, որը հնարավորություն տվեց թե՛ մեզ, թե՛ հնդկացիներին վազել մինչև փրկարար աստիճանները։ | ||
+ | |||
+ | Բայց այնտեղ, ուր քսաներորդ դարի պայթուցիկ գնդակներն անզոր էին, ստիպված էինք հույս դնել վայրենիների թունավոր նետերի վրա, որոնք թաթախված էին ստրոֆանտի<ref>Ստրոֆանտ ― թունավոր բույս։</ref> մեջ և որոնց դիաթույն էր քսած։ Այդպիսի նետերը որսի ժամանակ անօգուտ էին, որովհետև մինչպատմական հրեշների արյան շրջանառությունն այնքան դանդաղ է կատարվում, որ նրանք սովորաբար կարողանում են հասնել ու պատառոտել զոհին, նախքան թույնի ներգործությունը։ Բայց այժմ դրությունն այլ էր․ հենց որ մեզ հետապնդողները հասան այրերը տանող քարե աստիճաններին, քարափի յուրաքանչյուր ճեղքից սուլոցով թռան նետերը։ Հրեշների վրա ասես փետուրներ բսնեցին, բայց, ինչպես երևում է, առաջին րոպեներին ցավը չէր զգացվում, քանի որ նրանք շարունակում էին անզոր կատաղությամբ վեր մագլցել սանդուղքով, չկամենալով որսը բաց թողնել։ Դժվարությամբ մի քանի աստիճան հաղթահարելուց հետո, նրանք իսկույն էլ ցած գլորվեցին։ Բայց ահա թույնն սկսեց ներգործել։ Գազաններից մեկը խուլ կերպով ոռնաց և տափակ, հսկայական գլուխը սեղմեց գետնին։ Երկրորդը սուր ձայնով կողկոնձաց, մի քանի անհեթեթ թռիչքներ գործեց, ապա գալարվելով ընկավ առաջինի կողքին և շուտով նույնպես լռեց։ Հնդկացիները խմբով դուրս թափվեցին այրերից և ցնծագին ճիչերով շրջապատեցին դիակները՝ տոնելով երկու վտանգավոր թշնամիների դեմ տարած հաղթանակը։ | ||
+ | |||
+ | Այդ միսն ուտել չէր կարելի, քանի որ թույնը շարունակում էր ներգործել։ Նույն գիշերն իսկ հնդկացիները երկու դիակն էլ կտոր֊կտոր արին և տարան անտառ, որպեսզի այնտեղի օդը չվարակվեր։ Քարայրների մոտ մնացին միայն երկու հսկայական սրտեր, յուրաքանչյուրը մի բարձի չափ․ դրանք ապրում էին ինքնուրույն կյանքով, դանդաղ ու ռիթմիկ սեղմվելով ու ընդարձակվելով, և այդ գարշելի բաբախումը շարունակվեց մեկ օր, երկու օր ու դադարեց միայն երրորդ օրը։ | ||
+ | |||
+ | Երբ ես իսկական սեղան կունենամ և ոչ թե դրան փոխարինող պահածոյի տուփ, և գրելու ավելի լավ պարագաներ, քան կրծած մատիտի կտորն է ու մի֊միակ քրքրված ծոցատետրը, այն ժամանակ մանրամասն կնկարագրեմ ակկալա ցեղի հնդկացիներին, մեր կյանքը նրանց հետ և Մեպլ֊Ուայտի կախարդական Երկիրը, որը քիչ առ քիչ մեր առջև բացում էր իր հրաշալիքները։ Հիշողությունս ինձ չի դավաճանի, մանկության առաջին տպավորությունների հետ միասին այնտեղ մինչև իմ օրերի վերջը կպահպանվի սարահարթում անցկացրած յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր ժամը, և ուրիշ ոչ մի բան դուրս չի մղի այդ հիշողությունները։ Կգա ժամանակ, և ես կնկարագրեմ այն լուսնային գիշերը կենտրոնական լճում, երբ հնդկացիները ցանցով որսացին մի ջահել իխտիոզավրի,<ref>Իխտիոզավր ― մեզոզոյան դարաշրջանի ծովային սողուն, որը ձկան ձև է ընդունել, նման է դելֆինի։</ref> որը նման է ոչ այն է փոկի, ոչ այն է երեքաչքանի ձկան, ըստ որում երրորդ աչքը գտնվում էր գագաթին, իսկ մյուս երկուսը պաշտպանված էին ոսկրյա թիթեղիկներով։ Նույն գիշեր ջրային կանաչ մի օձ եղեգնուտից նետի պես դուրս թռավ դեպի մեզ, իր օղակների մեջ առավ Չելենջերի նավակի ղեկը վարողին և մտավ ջրի տակ։ | ||
+ | |||
+ | Չեմ մոռանա պատմել նաև այն արտասովոր սպիտակ արարածի մասին, ― մինչև այսօր էլ չգիտենք, թե դա ի՞նչ էր՝ սողո՞ւն թե՞ գազան, ― որն ապրում էր կենտրոնական լճից արևելք ընկնող հոտած ճահճում և գիշերները թափառում էր թփերի մեջ՝ թույլ ֆոսֆորային լույս արձակելով։ Հնդկացիներն այնպես էին վախենում նրանից, որ նույնիսկ մոտ չէին գնում այդ ճահճին, իսկ մենք երկու անգամ եղանք այնտեղ, հեռվից տեսանք այդ գազանին, բայց խրուտների վրայով չկարողացանք հասնել նրան։ Կասեմ միայն, որ նա կովից մեծ էր և տհաճ թթվահոտ էր արձակում։ | ||
+ | |||
+ | Իմ ապագա գրառումներում կգտնեք նաև հիշատակություն մի վիթխարի, արագավազ թռչնի մասին, որի ձեռքից մի անգամ Չելենջերը ազատվեց ժայռերի տակ թաքնվելով։ Նա ջայլամից շատ ավելի բարձր էր․ գանգի նման այլանդակ գլուխը նստած էր երկար, մերկ պարանոցին։ Երբ Չելենջերը քարերի վրայով մագլցում էր վերև, նա իր կեռ կտուցի մի հարվածով, ինչպես դուրով, պոկեց նրա կրունկը։ Բայց այս անգամ ժամանակակից զենքն իրեն չխայտառակեց․ տասներկու ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի ֆորորակոսը<ref>Ֆորորակոս ― մեռած հսկա թռչուն, որը թռչել չի կարողացել․ այլ վազել է ինչպես ջայլամը։</ref> (ցնծացող պրոֆեսորը, որը դեռ ինչպես հարկն է շունչը ետ չէր բերել, հայտնեց արդեն նրա անունը) տապալվեց գետնին, խոցված լորդ Ջոնի գնդակից։ Նա ջղաձգորեն ցնցում էր ոտքերը՝ փետուրի ամպեր բարձրացնելով ու չհեռացնելով մեզանից դեղին աչքերի ցասկոտ կրակով վառվող հայացքը։ Ինչպե՜ս կուզեի ապրել մինչև այն օրը, երբ այս կատաղի, տափակ գլուխը մյուս որսավարի հետ կգրավի իր տեղը Օլբենիի աշխատասենյակում։ | ||
+ | |||
+ | Ի վերջո, հարկ կլինի հիշատակել անպայման տոքսոդոնին<ref>Տոքսոդոն ― մեռած խոշոր կաթնասուն, որը հասակով գերազանցում էր ռնգեղջյուրին։</ref> ― տասը ոտնաչափ բարձրություն ունեցող ծովային հսկա խոզին՝ դուրս ընկած սուրը ատամներով, որին մի անգամ լուսադեմին խփեցինք ջուր խմելիս։ | ||
+ | |||
+ | Ժամանակին այս ամենը կպատմեմ ավելի մասնրամասն և մեր արկածների հետ միասին սիրով կնկարագրեմ ամառային այն հրաշալի գիշերները, երբ չորս բարեկամներով պառկում էինք անտառի եզրին որևէ տեղ, մեզ անհայտ վառ ծաղիկների մեջ և, հյութեղ պտուղներով ծանրաբեռնաված ճյուղերի միջից նայելով վերև, զարմանում բարձր երկնքի կապույտում ճախրող արտասովոր թռչուններով, ապա հայացքներս դարձնում էինք խիտ խոտերին ու հետևում այն տարօրինակ արարածների շարժումներին, որոնք դուրս էին սողում իրենց բներից մեզ նայելու․ կնկարագրեմ այն երկար լուսնային գիշերները, երբ մենք նավակներով լողում էինք լճի մեջտեղը և ակամա վախով դիտում նրա փայլուն մակերեսը․ ահա ինչ֊որ ֆանտաստիկ հրեշ դուրս նետվեց՝ լայն օղակներ առաջացնելով ջրի երեսին․․․ ահա մութ խորությունը լուսավորվեց կանաչավուն լույսով, որը նշում է մի նոր, մեզ անհայտ արարածի ուղին․․․ Ես այս պատկերները կհիշեմ բոլոր մանրամասնություններով, և երբևէ իմ հիշողությունն ու գրիչը պատշաճը կհատուցեն դրանց։ | ||
+ | |||
+ | Բայց դուք հավանորեն կհարցնեք, թե ինչպես կարող էինք զբաղվել նման դիտողություններով, երբ անհրաժեշտ էր գիշեր֊ցերեկ քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու միջոցներ որոնել։ Կպատասխանեմ, որ բոլորս էլ դրա վրա գլուխ էինք կոտրում, բայց իզուր։ Միայն մի բան պարզվեց՝ հնդկացիների օգնության վրա հույս դնել չէր կարելի։ Նրանք մեր բարեկամներն էին և համարյա ստրկական անձնվիրությամբ էին վերաբերում մեզ, բայց հենց որ խոսք էինք գցում օգնության մասին, որպեսզի որևէ երկար տախտակ քարշ տային քարափի մոտ կամ կաշիներից ու լիանաներից ճոպան գործեին, իսկույն մեզ լռեցնում էին մեղմ, բայց վճռական մերժումով։ Հնդկացիները ժպտում էին, աչքով անում մեզ, գլուխներն օրորում, և գործը դրանից այն կողմ չէր գնում։ Նույնիսկ ծերունի առաջնորդը տեղի չէր տալիս, և միայն նրա որդի Մարետասն էր տխուր նայում սպիտակ մարդկանց ու նշաններով իր անկեղծ համակրանքն արտահայտում։ | ||
+ | |||
+ | Կապիկների հետ ունեցած ճակատամարտից հետո հնդկացիները նայում էին մեզ վրա իբրև գերմարդկանց, որոնք հաղթանակի երաշխիքը կրում էին իրենց խորհրդավոր, մահ շնչող խողովակներում, և կարծում էին, որ քանի մենք իրենց հետ ենք, բախտը նրանց չի դավաճանի։ Մեզ առաջարկեցին կարմրամորթ կանայք ձեռք բերել և սեփական քարայրներ սարքավորել, միայն թե մոռանայինք մեր ժողովուրդը ու ընդմիշտ մնայինք սարահարթում։ Առայժմ ամեն ինչ անցնում էր հանգիստ ու խաղաղ, բայց գիտեինք, որ հարկավոր է մեր պլանները գաղտնի պահել, այլապես, այդ մասին իմանալով, հնդկացիները կարող էին ուժով պահել մեզ իրենց մոտ։ | ||
+ | |||
+ | Չնայած դինոզվրերին հանդիպելու հնարավորության (ասենք այդ վտանգն այնքան էլ մեծ չէր․ ինչպես ասվեց վերևում, նրանք գլխավորապես գիշերներն էին որսի դուրս գալիս), վերջին երեք շաբաթվա ընթացքում ես երկու անգամ գնացի մեր հին ճամբարը՝ Սամբոյին տեսնեուլու, որն առաջվա նման մնացել էր իր դիրքում, սարահարթի ստորոտին։ Աչքերս ագահորեն սահում էին անծայր հարթավայրով մեկ՝ այնտեղից սպասվող օգնության հույսով։ Բայց կակտուսներով ծածկված արձակ դաշտն ամայի էր և ոչ մի բան չէր խախտում նրա միօրինակությունը մինչև այնտեղից հազիվ նկատելի բամբուկի մացառուտների պարիսպը։ | ||
+ | |||
+ | ― Նրանք շուտով գալ, միստր Մելոուն։ Մի շաբաթ էլ սպասեք։ Հնդկացիներ գալ ճոպաններով, ձեզ իջեցնել էդտեղից։ ― Այսպես սրտապնդում էր ինձ մեր հիանալի Սամբոն։ | ||
+ | |||
+ | Երկրորդ անգամ գիշերեցի հին ճամբարում, իսկ առավոտյան վերադառնալիս ինձ մի անակնկալ էր սպասում։ Քայլում էի ծանոթ ճամփով և արդեն հեռու չէի պտերոդակտիլների ճահճից, երբ արջևս թփերի միջից հանկարծ երևաց ինչ֊որ տարօրինակ առարկա։ Մոտիկից նայեցի պարզվեց, որ դա մարդ է․ նա քայլում էր, հագած պատյանի կամ եղեգնե վանդակի նման մի բան, որը նրան պաշտպանում էր ամեն կողմից։ Որքա՜ն եղավ զարմանքս, երբ ճանաչեցի, որ դա լորդ Ջոն Ռոքստոնն էր։ Ինձ տեսնելով՝ նա դուրս եկավ այդ անհեթեթ սարքի միջից ու ծիծաղեց, բայց նրա տեսքը մի փոքր շփոթված էր։ | ||
+ | |||
+ | ― Այդ դո՞ւք եք, երիտասարդ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Այսպիսի հանդիպում բոլորովին չէի սպասում։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ ի՞նչ եք անում, ― հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Այցելության եմ եկել իմ բարեկամ պտերոդակտիլներին, ― հանգիստ պատասխանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ համար։ | ||
+ | |||
+ | ― Հետքրքիր գազանիկներ են, միայն թե խիստ անհյուրնկալ։ Ասենք դուք էլ գիտեք, թե նրանք ինչպես են դիմավորում անկոչ այցելուներին։ Ես էլ ահա այս զամբյուղն եմ պատրաստել, որպեսզի պաշտպանվեմ նրանց գուրգուրանքներից։ | ||
+ | |||
+ | ― Բայց ի՞նչ եք ուզում այդ ճահճից։ | ||
+ | |||
+ | Լորդ Ջոնը փորձող հայացքով նայեց ինձ, և ես հասկացա, որ ինչ֊որ կասկածներ տանջում են նրան։ | ||
+ | |||
+ | ― Ձեր կարծիքով, հետաքրքրությունը հատուկ է միայն պրոֆեսորի կոչում ունեցող մարդկա՞նց, ― վերջապես ասաց նա, ― Ուսումնասիրում եմ այդ սիրելի էակներին, ահա և բոլորը։ Այսպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | Բայց բարեհոգությունը այս անգամ էլ չդավաճանեց լորդ Ջոնին։ Նա ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Մի նեղացեք, երիտասարդ։ Ուզում եմ Չելենջերի համար մի փոքրիկ ձագուկ ձեռք բերել։ Դա իմ գլխավոր խնդիրն է։ Ոչ, շնորհակալ եմ, ձեր օգնությունը հարկավոր չէ։ Այս վանդակի մեջ ես ոչ ոքից չեմ վախենում, իսկ դուք անպաշտպան եք։ Դե, ցտեսություն, սպասեցեք ինձ երեկոյան դեմ։ | ||
+ | |||
+ | Նա իր անհեթեթ զամբյուղը քաշեց գլխին, շուռ եկավ ու քայլեց դեպի անտառ։ | ||
+ | |||
+ | Եթե լորդ Ջոնի վարմունքը մի փոքր տարօրինակ էր այդ օրերին, ապա ի՞նչ ասել Չելենջերի մասին։ Հարկ է նշել, որ մեր պրոֆեսորն ինչ֊որ ձգողական ուժ ուներ հնդկուհիների համար, ուստի ստիպված էր միշտ արմավենու մի մեծ ճյուղ պահել մոտը, որով նա ճանճերի նման քշում էր իր երկրպագուներին, երբ նրանք արդեն իրենց ուշադրությամբ չափից դուրս նեղում էին նրան։ Պատկերացրեք, թե դա ինչպիսի տեսարան էր, թերևս ամենակոմիկականը այն ամենից, ինչ բախտ վիճակվեց տեսնելու Մեպլ֊Ուայտի Երկրում։ Թաթերը տարբեր կողմեր դնելով՝ Չելենջերն ընթանում էր իշխանության խորհրդանիշը ձեռքին, իսկ նրա ետևից, ինչպես օպերետային սևամորուք սուլթանի, ձգվում էր հնդկացի աղջիկների շքախումբը, բուսական բարակ թելից հյուսած հագուստները հագներին։ | ||
+ | |||
+ | Ինչ վերաբերում է Սամերլիին, ապա նա գլխովին թաղված էր Մեփլ֊Ուայտ Երկրի միջատների ու թռչունների ուսումնասիրության մեջ և ամբողջ իր ժամանակն անց էր կացնում ձեռք գցած օրինակները պատրաստելով (եթե չհաշվենք այն ժամերը, որոնք գնում էին կռիվ մղելու Չելենջերի հետ, որն իբր թե չէր ուզում մեզ դուրս բերել դժվարին դրությունից)։ | ||
+ | |||
+ | Չելենջերը սովորություն էր դարձրել ամեն առավոտ չքանալ և միայն կեսօրին վերադառնալ այնպիսի հաղթական տեսքով, ասես թե նրա ուսերին էր ծանրացած ինչ֊որ չափազանց կարևոր գործի պատասխանատվության բեռը։ | ||
+ | |||
+ | Մի գեղեցիկ օր, չբաժանվելով արմավենու ճյուղից, նա մեզ տարավ իր հետ և բացատրեց իր գաղտնի ծրագիրը։ | ||
+ | |||
+ | Դուրս եկանք արմավենիների պուրակի միջև ընկած մի փոքրիկ բացատ և տեսանք մեկն այն ցեխի հեյզերներից, որոնց մասին արդեն խոսել եմ։ Չորս կողմ թափված էին իգուանադոնի կաշվից կտրած բազմաթիվ փոկեր․ այդտեղ ընկած էր նաև թաղանթի մի մեծ կտոր։ Վերջում պարզվեց, որ դա ոչ այլ ինչ է, քան եթե ձկնանման թեփամորթի քերված ու չորացված ստամոքս։ Չորս կողմից կարված այդ կաշվի մեջ փոքրիկ ծակեր էին թողնված բամբուկի կտրվածքների համար, որոնց հակառակ ծայրերը միացված էին ցեխի ձագարներին։ Այդ ձագարներն իրենց մեջ էին ամբարում այն գազը, որը պղպջակներով անջատվում էր տաք հեյզերից։ Շուտով նստած ստամոքսն սկսեց կամաց֊կամաց ուռչել և վեր բարձրանալու այնքան ակնհայտ մտադրություն ցույց տալ, որ Չելենջերն ստիպված էր նրան օղակող փոկերը կապել ծառերին։ Կես ժամ հետո նա վերածվեց իսկական օդապարիկի և դատելով նրանից, թե այդ փուչիկն ինչպես էր գոտիները ձգում դեպի վեր, նրա ամբարձի ուժը շատ մեծ էր։ Չելենջերը լուռ նայում էր իր հանճարի ստեղծագործությանը և ինքնագոհությամբ մորուքը շոյում՝ ոչ ավել, ոչ պակաս երջանիկ հայր, որը հիանում է իր առաջնեկով։ | ||
+ | |||
+ | Երկարող լռությունը խզեց Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դուք պատրաստվում եք առաջարկել մեզ այս բանով վեր բարձրանալ, ― սառցային տոնով հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Առայժմ պատրաստվում եմ ձեր առաջ ցուցադրել սրա հզորությունը, սիրելի Սամերլի, արպեսզի այդ ուղղությամբ ոչ մի կասկած չունենաք։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում խորհուրդ եմ տալիս մտքներիցդ հանել այդ անմտությունը, ― վճռական տոնով ասաց Սամերլին։ ― Ոչ մի կերպ ինձ չեք հարկադրի համաձայնել նման խելագարության հետ։ Լորդ Ջոն, հուսով եմ, որ դուք չեք պաշտպանի այս արկածախնդրությունը։ | ||
+ | |||
+ | ― Սրամի՛տ բան է, ― ասաց մեր ղեկավարը։ ― Հետաքրքիր կլիներ գործողության մեջ տեսնել սա։ | ||
+ | |||
+ | ― Հիմա կտեսնեք, ― ասաց Չելենջերը։ Վերջին օրերս ես լարել էի մտքիս բոլոր ուժերը, որպեսզի լուծեի այստեղից դուրս պրծնելու հարցը։ Մենք արդեն համոզվել ենք, որ սեպ ժայռերով իջնելն անհնարին է, իսկ թունելն այլևս գոյություն չունի։ Ժայռի վրա կամուրջ նետել անկասկած չի հաջողվի։ Այդ դեպքում ի՞նչ անել։ Մի անագամ ես ասացի մեր պատանի բարեկամին, որ այս հեյզերներն ազատ վիճակում ջրածին են զատում։ Այստեղից տրամաբանորեն ծագեց օդապարիկի միտքը։ Խոստովանում եմ, որ ինձ մի փոքր շփոթում էր դրա համար թաղանթ գտնելու հարցը, բայց երբ աչքիս ընկան այստեղի սողունների հսկայական փորոտիքները, սյլևս կասկածներս վերացան։ Եվ ահա իմ ջանքերի արդյունքները։ | ||
+ | |||
+ | Նա մի ձեռքը դրեց իր պատռտված բաճկոնակի եզրին, իսկ մյուսը հպարտությամբ առաջ պարզեց։ | ||
+ | |||
+ | Մինչ այդ փուչիկը վերջնականապես կլորացավ, և փոկերն արդեն հազիվ էին պահում նրան։ | ||
+ | |||
+ | ― Զառանցանք, մաքուր զառանցանք, ― փնչացրեց Սամելին։ | ||
+ | |||
+ | Բայց լորդ Ջոնը հիացած էր Չելենջերի մտքից։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ թե գլուխ ունի մեր ծերուկը, ― շշնջաց նա ինձ։ Ապա բարձրաձայն ասաց, ― իսկ զամբյուղ որտեղի՞ց կգտնենք։ | ||
+ | |||
+ | ― Այժմ կմտածեմ զամբյուղի մաին։ Արդեն որոշ նկատառումներ ունեմ այդ առթիվ։ Իսկ առայժմ ցույց տամ, որ իմ ապարատն ի վիճակի է բարձրացնելու մեզ։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եք ասել բոլորիս միասի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, մենք կիջնենք իրար ետևից, ոնց որ պարաշյուտով։ Ետ բարձրաբալու սարքը դեռ կմտածեմ։ Եթե իմ ապարատը մի մարդու ծանրության դիմանա և զգուշությամբ ցած իջեցնի նրան, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Հիմա կփորձենք։ | ||
+ | |||
+ | Նա քարշ տվեց բազալտի մի բավական մեծ բեկոր և կապեց այն նույն լարով, որի օգնությամբ մենք բարձրացել էինք բրգաձև ժայռի վրա։ Լարը հարյուր ոտնաչափ երկարություն ուներ և չնայած հաստ չէր, բայց խիստ ամուր էր։ Հետո մեզ ցույց տրվեց երկար թելերով կաշվե վզնոցի նման մի բան։ Չելենջերն այդ վզնոցը հագցրեց օդապարկի վրա, ցած կախված թելերն հավաքեց այնպես, որպեսզի բեռան ծանրությունը հավասարաչափ բաշխվի ամբողջ մակերեսին, բազալտի բեկորը կապեց դրանց, իսկ լարի ծայրը փաթաթեց իր ձեռքին։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ցույց կտամ իմ օդապարիկի բեռնունակությունը, ― ասաց նա՝ նախօրոք ճաշակելով իր հաղթանակը, և այդ խոսքերով կտրեց ամուր ձգված փոկերը։ | ||
+ | |||
+ | Դեռ երբեք մեր արշավախումբն այդքան մոտ չէր եղել կործանման։ Գազով լցված թաղանթը սրընթաց նետվեց վեր, իր հետ տանելով Չելենջերին։ Ես հազիվ հասցրի գրկել նրա իրանը և նույնպես օդ բարձրացա։ Լորդ Ջոնն ասես աքցաններով կառչեց իմ ոտքերից և թռավ մեր ետևից։ Մի վայրկայն երևակայությանս մեջ այսպիսի տարօրինակ տեսարան պատկերացավ․ չորս խիզախ ճանապարհորդներ նրբերշիկի դրասանգի նման կախվել են մի երկրի վրա, որի գաղտնիքները ջանում էին բաց անել։ Բայց բարեբախտաբար, լարի ամրությունն ինչ֊որ սահման ուներ, մի բան, որ ըստ երևույթին, չէր կարելի ասել այդ սատանայական ապարատի բարձրացնող ուժի մասին։ Մի ճթթոց լսվեց, և մեր եռյակը քարի պես ցած ընկավ։ Խճճվելով կտրատված թելերի մեջ, դժվարությամբ ելանք ոտքի և տեսանք, թե բազալտի բեկորն ինչպես սրնթաց բարձրանում է վեր, հազիվ նկատելի կետի պես սևի տալով վառ երկնքում։ | ||
+ | |||
+ | ― Փայլուն է, ― բացականչեց անվհատ Չելենջերը՝ շփելով ճմլված ձեռքը։ ― Փորձն ավելի քան լավ հաջողվեց։ Ինքս էլ այդպիսի հաջողության հույս չունեի։ Ջենտլմեններ, խոստանում եմ, նոր օդապարիկը պատրաստ կլինի մի շաբաթից հետո, և մենք նրանով բոլորովին հանգիստ կկատարենք հայրենիք վերադառնալու ճամբորդության առաջին էտապը։ | ||
+ | |||
+ | Մինչև այստեղ օրագրիս գրառումները կատարում էի դեպքից դեպք, իսկ այժմ, երբ ոչինչ չի սպառնում մեզ, երբ բոլոր ձախորդությունները մնացին ետևում, ինչպես երազ, պատմությունը ավարտում եմ կարմիր ապառաժների ստորոտի այն նույն ճամբարում, որտեղ Սամբոն սպասում էր մեզ։ | ||
+ | |||
+ | Վայրէջքը կատարվեց առանց բարդությունների, բայց ո՞վ կարող էր ենթադրել, թե ամեն ինչ այդպես կստացվի։ Մեկուկես֊երկու ամիս հետո կլինենք Լոնդոնում, և թերևս իմ նամակը մեզնից այնքան էլ շուտ չհասնի այնտեղ։ Բոլոր մտքերով ու զգացմունքներով արդեն տանն ենք, հարազատ քաղաքում, որտեղ յուրաքանչյուրիս համար այնքա՜ն թանկագին ու սիրելի բան է մնացել։ | ||
+ | |||
+ | Մեր ճակատագրի մեջ բեկում կատարվեց այն օրը, երբ Չելենջերն իր ինքնաշեն օդապարիկի վտանգավոր փորձն արեց։ Արդեն ասել եմ, որ միակ մարդը, որը համակրում էր սարահարթից հեռանալու մեր փորձերին, մեր փրկած պատանին էր՝ ծեր առաջնորդի որդին։ Նրա խիստ արտահայտիչ շարժումներից հասկացանք, որ նա չի ուզում կամքներիս հակառակ մեզ պահել օտար երկրում։ | ||
+ | |||
+ | Այդ երեկո արդեն մթնով, Մարիետասն աննկատելի թափանցեց ճամբար, ինձ պարզեց ծառի կեղևի ոչ մեծ մի փաթեթ (չգիտես ինչու նա միշտ գերադասում էր գործ ունենալ ինձ հետ, գուցե նրա համար, որ մենք մոտավորապես տարեկիցներ էինք), ապա վեհապանծորեն ձեռքով արեց՝ ցույց տալով քարայրները, հանդիսավոր կերպով մատը դրեց շրթունքներին՝ ի նշան լռության և նույնպես աննկատ վերադարձավ յուրաինների մոտ։ | ||
+ | |||
+ | Ես ավելի մոտ նստեցի խարույկին, և մենք ուշադիր զննեցինք ինձ հանձնված փաթեթը։ Ծառի կեղևի այդ մի ոտնաչափ քառակուսի կտորի ներսում, սպիտակ երեսին, ածուխով գծիկներ էին քաշված, որոնք հիշեցնում էին պարզունակ նոտագրություն։ | ||
+ | |||
+ | Ուշադրություն դարձրի՞ք, թե նա ինչ բազմանշանակ տեսք ուներ, ― հարցրի ընկերներիս։ ― Սա մեզ համար ինչ֊որ խիստ կարևոր բան է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ միգուցե այդ վայրենին որոշել է մի լավ կատակ անել մեզ հետ, ― ասաց Սամերլին։ ― Հավանորեն, մարդու զարգացումն սկսվում է այդպիսի տարրական զվարճություններից։ | ||
+ | |||
+ | ― Սա ինչ֊որ ծածկագիր է, ― ասաց Չելենջերը։ | ||
+ | |||
+ | ― Կամ ռեբուս, ― շարունակեց լորդ Ջոնը, նայելով իմ ուսի վրայից, և հանկարծ կեղևը ձեռքիցս խլեց։ ― Ազնի՛վ խոսք, կարծես թե ես գլխի եմ ընկնում։ Երիտասարդն իրավացի է։ Նայեցեք։ Քանի՞ գիծ կա այստեղ։ Տասնութ։ Իսկ ինչքա՞ն քարայր կա զառիվայրի այն կողմը։ Նույնպես տասնութ։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես։ Ախր նա հենց այն կողմն էլ ցույց տվեց, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ճիշտ է։ Սա այրերի հատակագիծն է։ Տեսեք, ընդամենը տասնութ գծիկ՝ կան երկարները, իսկ մի քանիսը երկճյուղվում են։ Մեկի տակ խաչ կա։ Ինչո՞ւ։ Հավանորեն, որպեսզի առանձնացնի այրերից մեկը, որը մնացածներից ավելի խորն է։ | ||
+ | |||
+ | ― Միջանցի՛կ, ― գոչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ըստ երևույթին մեր պատանի բարեկամն իրավացի է, ― պաշտպանեց ինձ Չելենջերը։ ― Այլապես ինչո՞ւ պետք է հնդկացին սա խաչով նշեր։ Չէ՞ որ նա բոլոր հիմքերն ունի բայրացակամ վերաբերվելու մեր հանդեպ։ Բայց եթե քարայրն իրոք միջանցիկ է և մյուս կողմից դուրս է գալիս նույնպիսի բարձրության վրա, ապա այնտեղ մինչև գետին հարյուր ոտնաչափից ավելի չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Հարյուր ոտնաչափը դատարկ բան է, ― մռմռթաց Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ մեր լարն ավելի երկար է, ― բացականչեցի ես։ ― Մենք ցած կիջնենք առանց որևէ դժվարության։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հնդկացիների մոռացե՞լ եք, ― անձնատուր չէր լինում Սամերլին։ | ||
+ | |||
+ | ― Այդ քարայրներն անբնակ են, ― ասացի ես։ ― Դրանք ծառայում են իբրև պահեստներ ու ամբարներ։ Եկեք անմիջապես բարձրանանք այնտեղ և հետախուզություն կատարենք։ | ||
+ | |||
+ | Սարահարթում աճում է մի ամուր, խեժառատ ծառ, մեր բուսաբանի ասելով, թեփատերև եղևնու մի տեսակը, որի ճյուղերը հնդկացիները օգտագործում են իբրև ջահեր։ Ամեն մեկս մի խտիտ այդպիսի ճյուղեր վերցրինք և մամռակալած աստիճաններով բարձրացանք պլանում խաչով նշված քարայրը։ Ինչպես և ենթադրում էի ես, նա անբնակ էր, եթե չհաշվենք բազմաթիվ հսկայական չղջիկներին, որոնք թևերի ուժգին թափահարումներով շարունակ պտտվում էին մեր գլխավերևում։ Չուզենալով հնդկացիների ուշադրությունը գրավել՝ մենք երկար թափառում էինք մթության մեջ, շոշափելով ինչ֊որ ոլորապտույտներ, անկյուններ, և միայն մուտքից բավական հեռանալուց հետո ջահերը վառեցինք։ Մեր աչքերի առաջ բացվեց հատկը չոր, սպիտակ մանրախճով ծածկված մի թունել՝ կամարակապ առաստաղով ու հարթ, գորշ պատերով, որոնք ծածկված էին կենդանիների նկարներով։ Արագ առաջ գնացինք և հանկարծ բոլորս մեկեն հիասթափված կանգ առանք․ մեր առաջ բարձրանում էր միակտուր քարե պատնեշ՝ ո՛չ ճեղք, ո՛չ պատռվածք, անգամ մկնիկը չէր կարող անցնել։ Այստեղ ելք չէր եղել։ | ||
+ | |||
+ | Տխրությամբ նայեցինք մեր ճամփան փակող արգելքին։ Այդ պատը ոչնչով չէր տարբերվում թունելի կողքի պատերից, հետևաբար այստեղ փլվածք չէր կարող լինել․ ինչպես արդեն մեզ ծանոթ այն ստորերկրյա անցքում։ Սա իսկական փակուղի էր, ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Մի վշտացեք, բարեկամներ, ― ասաց անվհատ Չելենջերը։ ― Չէ՞ որ ես խոստացել եմ երկրորդ օդապարիկը պատրաստել։ | ||
+ | |||
+ | Սամերլին տնքաց։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե ուրի՞շ քարայր ենք մտել, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Թողեք, երիտասարդ։ ― Լորդ Ջոնը մատը տարավ պլանի վրայով։ ― Աջից տասնութերորդ քարայրը, նույն ինքը ձախից երկրորդը։ Ոչ, սխալ չէր կարող լինել։ | ||
+ | |||
+ | Նայեցի խաչին և հանկարծ ուրախությունից գլուխս կորցրած բղավեցի․ | ||
+ | |||
+ | ― Գտա՛, գտա՛, եկեք իմ ետևից, շուտ։ ― Եվ ջահը բարձր բռնած՝ ետ վազեցի։ ― Ահա այստեղ, ― և ցույց տվի ավազին ընկած վառված լուցկիները, ― ահա այստեղ վառեցինք ջահերը։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ նկարում պարզ ցույց է տրված, որ քարայրը ճյուղավորվում է։ Նշանակում է, մթության մեջ պարզապես բաց ենք թողել այդ տեղը։ Քայլենք աջ կողմից, և համոզված եմ, որ անցքը կգտնենք։ | ||
+ | |||
+ | Ինչպես ասացի, այնպես էլ դուրս եկավ։ Երեսուն քայլից հետո պատի մեջ սևին տվեց մի մեծ անցք։ Մտանք այդտեղով և դուրս եկանք մի ավելի լայն թունել։ Անհամբերությունը մեզ առաջ էր քշում։ Եվս մի հարյուր քայլ, երկուսը, երեքը․․․ և հանկարծ առջևում երևաց մի կարմրավուն լույս։ Այդ ի՞նչ կարող էր լինել։ Հավասար, անթարթ լույսը փակում էր մեր ճամփան։ Քայլներս արագացրինք։ Այդ կրակից ջերմություն չէր զգացվում։ Ամեն ինչ խաղաղ էր, ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն․․․ Լուսեղեն ծածկոցը չէր չքանում, և նրա արծաթավուն փայլը ողողել էր թունելը՝ սպիտակ ավազը վերածելով շողշողուն ալմաստի։ Ավելի մոտեցանք, և վարագույրի եզրը հստակորեն կլորացավ մեր աչքերի առաջ։ | ||
+ | |||
+ | ― Երդվո՛ւմ եմ, դա լուսինն է, ― գոչեց Ջոնը։ ― Ազա՛տ ենք, բարեկամներ, ազա՜տ։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, լեռնապարի մյուս կողմը դուրս եկող անցքից լուսավորում էր լիալուսինը։ Անցքը մեծ չէր, լուսամուտի չափ, բայց այդքանն էլ մեզ հերիք էր։ Դուրս նայելով այնտեղից՝ տեսանք, որ վայրէջքն առանձնապես դժվար չի լինի և գետինն այնքան հեռու չէ։ Սարահարթը շրջանցելիս, իհարկե, մեզ երբեք չէր հաջողվի այդ անցքը նկատել։ Ո՞ւմ մտքով կանցներ վերելքի տեղ փնտրել հատկապես այստեղ, ցած կախված ժայռերի միջև։ Մենք համոզվեցինք, որ հնարավոր կլինի լարով ցած իջնել և երջանիկ վերադարձանք ճամբար՝ մյուս օրվա երեկոյին պատրաստվելու համար։ | ||
+ | |||
+ | Հարկավոր էր գործել գաղտնի և առանց դանդաղելու, որովհետև վերջին րոպեին իսկ հնդկացիները կարող էին մեզ ետ պահել։ Որոշեցինք թողնել մեր ողջ հանդերձանքը, բացի հրացաններից ու փամթուշտներից։ Ճիշտ է, Չելենջերն ուներ մի քանի խոշոր իրեր, որ ուզում էր ինչ կերպ լինի վերցնել իր հետ, և դրանցից մեկն առանձնապես շատ հոգս պատճառեց մեզ։ Բայց առայժմ այդ մասին ծավալվել չեմ կարող։ | ||
+ | |||
+ | Օրն անսահման երկար տևեց, բայց ահա, վերջապես, մութն ընկավ։ Ամեն ինչ պատրաստել էինք։ Ամեն տեսակ զգուշություն պահպանելով՝ մեր ունեցվածքը աստիճաններով վերև հանեցինք, կանգ առանք քարայրի մուտքի մոտ և մի վերջին հայացք նետեցինք հանելուկային, մեզ համար ռոմանտիկական մշուշով պատված այդ երկրի վրա, որը վախենամ շուտով հեղեղեն որսորդներն ու ամեն տեսակ հետազոտողները, մի երկիր, որտեղ մենք շատ խիզախեցինք, շատ բան կրեցինք ու շատ բան սովորեցինք՝ մե՛ր երկիրը, ինչպես այսուհետև միշտ սիրով անվանելու ենք այն։ | ||
+ | |||
+ | Մեր ձախ կողմի հարևան քարայրները խարույկների ուրախ, կարմրավուն հրացոլքեր էին գցում խավարի մեջ։ Ներքևից լսվում էին հնդկացիների ձայները, ծիծաղն ու երգը։ Հեռվում բարձրանում էր թավուտ անտառի պատնեշը, իսկ նրա և քարափի միջև շողշողում էր մեծ լիճը՝ արտասովոր հրեշների կացարանը։ Ահա մթության մեջ հնչեց ինչ֊որ գազանի սուր կանչը։ Դա Մեպլ֊Ուայտի Երկրի կանչն էր, որ մեզ էր ուղարկում իր վերջին «ներիրը»։ Շուռ եկանք ու մտանք քարայր, որտեղով անցնում էր դեպի տուն տանող մեր ուղին։ | ||
+ | |||
+ | Երկու ժամ հետո մենք մեր ողջ ունեցվածքի հետ լեռնապարի ստորոտում էինք։ Վայրէջքը բարեհաջող անցավ, եթե չհաշվենք Չելենջերի իրերի հետ ունեցած գլխացավանքը։ Ամբողջ բեռը թողնելով տեղում՝ թեթև ճամփա ընկանք դեպի Սամբոյի կայանը։ Որքա՜ն եղավ մեր զարմանքը, երբ վաղ առավոտի լույսով առաջներս բացվեց հարթավայր, որտեղ վառվում էր ոչ թե մեկ, այլ ամենաքիչը տասը խարույկ։ Այնուամենայնիվ փրկարար խումբը եկավ։ Նա բաղկացած էր Ամազոնի քսան հնդկացիներից, որոնք բերել էին ձողեր, ճոպաններ և այն ամենը, ինչ պահանջվում էր անդունդի վրա կամուրջ գցելու համար։ Հիմա որ այլևս ոչ մի դժվարություն չենք կրի բեռները Ամազոնի ափերը տեղափոխելիս, ուր շարժվելու ենք վաղը առավոտյան։ | ||
+ | |||
+ | Սրանով, ճակատագրից գոհ, վերջացնում եմ իմ պատմությունը։ Մեր աչքերի առաջ այնքա՜ն հրաշքներ բացվեցին, հոգիներս մաքրվեցին՝ կոփվելով ծանր փորձություններում։ Մենք բոլորս, յուրաքանչյուրը յուրովի, ավելի լավ, ավելի լուրջ դարձանք։ | ||
+ | |||
+ | Հնարավոր է, որ Պարայում ուշանանք, որովհետև հարկավոր է ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հետագա ճանապարհորդության համար։ Այդ դեպքում այս նամակը մի անդրատլանտյան ուղերթով ինձանից շուտ տեղ կհասնի։ Իսկ եթե իսկույն ճամփա ընկնենք, ապա սա մեզ հետ միասին Լոնդոնում կլինի։ Այսպես թե այնպես, թանկագին միստր Մակ֊Արդլ, հուսով եմ շուտով սեղմելու ձեր ձեռքը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XVI «Դեպի փողո՛ց, դեպի փողո՛ց»== | ||
+ | |||
+ | |||
+ | Ես իմ պարտքն եմ համարում խորին երախտագիտություն հայտնելու Ամազոնի մեր բոլոր բարեկամներին, որոնք այդպիսի սիրալիրությամբ ընդունեցին մեզ և այդքան ուշադիր եղան մեր հանդեպ։ Առանձին շնորհակալության են արժանի սինյոր Պենալոսան և բրազիլական կառավարության մյուս պաշտոնատար անձինք, որոնց օգնությունն ապահովեց մեր վերադարձը տուն, այլև սինյոր Պերեյրան Պարա քաղաքից, որը հեռատոսորեն պատրաստել էր հարդարանքի համար ամեն բան, այնպես որ այժմ մենք չենք ամաչի քաղաքակրթված աշխարհում երևալուց։ | ||
+ | |||
+ | Դժբախտաբար մենք վատ հատուցեցինք մեր բարեկամներին իրենց հյուրընկալության համար։ Ինչ Արած։ Օգտվում եմ առիթից նրանց բոլորին հավաստիացնելու, որ եթե փորձեն մեր հետքերով գնալ Մեպլ֊Ուայտի Երկիրը, ապա դա կլինի միայն ժամանակի և միջոցների վատնում։ Մեր պատմություններում մենք փոխել ենք բոլոր անունները, և որքան էլ արշավախմբի հաշվետվություններն ուսումնասիրեք, միևնույն է, չի հաջողվի նույնիսկ մոտենալ այդ վայրերին։ | ||
+ | |||
+ | Կարծում էինք Հարավային Ամերիկայում մեր նկատմամբ եղած բարձր հետաքրքրությունը շատ տեղական բնույթ ունի, բայց ով կարող էր ենթադրել, թե ինչ սենսացիա կառաջացնեն Եվրոպայում մեր արկածների մասին առաջին մշուշապատ լուրերը։ Բանից պարզվում է, որ մեզանով հետաքրքրվել է ոչ միայն այն գիտական աշխարհը, այլև լայն հասարակությունը, չնայած մենք այդ մասին համեմատաբար ուշ իմացանք։ | ||
+ | |||
+ | Երբ «Իբեռնիա» շոգենավն արդեն հիսուն մղոնի վրա էր Սաուտհեմպտոնից, սկսեցինք զանազան թերթերից ու գործակալություններից հեռագիր հեռագրի ետևից ստանալ, որոնք վիթխարի հոնորարներ էին խոստանում մեզ՝ արշավախմբի արդյունքների մասին թեկուզ ամենակարճ հաղորդման համար։ Սակայն պարտքի զգացումը հակադրում էր ամենից առաջ հաշիվ տալ Կենդանաբանական ինստիտուտին, որը հանձնարարել էր այդ հետազոտությունը կատարել։ Խորհրդակցելով իրար հետ՝ մենք հրաժարվեցինք որևէ տեղեկություն հաղորդել մամուլին։ Սաունտհեմպտոնը վխտում էր ռեպորտյորներով, բայն նրանք մեզանից ոչինչ չստացան։ Ուստի հեշտ է պատկերացնել, թե հասարակությունն ինչպիսի հետաքրքրությամբ էր սպասում ժողովին, որը նշանակված էր նոյեմբերի յոթի երեկոյան։ | ||
+ | |||
+ | Կենդանաբանական ինստիտուտի դահլիճը, այն նույն դահլիճը, որտեղ ստեղծեցին հետազոտող հանձնաժողով, ճանաչվեց ոչ այնքան տարողունակ, այնպես որ ստիպված եղան ժողովը տեղափոխել Ռիջենտ֊ստրիտի վրա, Կուինգ֊հոլլ։ Այժմ արդեն ոչ ոք չէր կասկածում, որ եթե կազմակերպիչները վերցնեին Ալբերտ֊հոլլը, ապա նա ևս չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին։ | ||
+ | |||
+ | Նշանավոր ժողովը նշանակվեց մեր Լոնդոն վերադառնալու երկրորդ երեկոյան։ Ենթադրվում էր, որ առաջին օրն զբաղված կլինենք գործերով։ Իմ մասին առայժմ լռում եմ։ Կանցնի ժամանակ, և թերևս հեշտ կլինի մտածել ու նույնիսկ խոսել այդ բոլորի մասին։ Պատմությանս սկզբում ես ընթեցողին հայտնեցի, թե ինչ ուժեր գործողության դրեցին ինձ։ Այժմ, թերևս, անհրաժեշտ է ցույց տալ, թե այդ ամենն ինչով վերջացավ։ Բայց չէ՞ որ վերջապես կգա մի օր, երբ ես ինքս կասեմ, որ հարկ չկա ափսոսալու։ Ինչ֊որ ուժ ինձ մղեց դեպի այդ ուղին, և ես պարտական եմ իսկական արկածների արժեքը ճանաչելու համար։ | ||
+ | |||
+ | Իսկ այժմ անցնում եմ մեր հերոսապատումը եզրափակող վերջին իրադարձությանը։ Երբ գլուխ էի կոտրում, թե ինչպես ավելի լավ նկարագրեմ այն, աչքիս ընկավ «Դեյլի֊գազետի» նոյեմբերի ութի համարը, որտեղ մանրամասն հաշվետվություն էր զետեղված Կենդանաբանական ինստիտուտի ժողովի մասին, գրված իմ բարեկամ ու կոլեգա Մակդոնայի կողմից։ Բերում եմ այն ամբողջությամբ, սկսած վերնագրերից․ չէ՞ որ միևնույն է, ավելի լավ անհնար է մտածել։ Իհարկե, մեր «Դեյլին», հպարտ նրնաով, որ արշավախմբին մասնակցել է նրա սեփական թղթակիցը, առանձնապես շատ տեղ էր հատկացրել Կենդանաբանական ինստիտուտի դեպքերին, բայց մյուս թերթերը ևս անուշադիր չէին թողել դրանք։ | ||
+ | |||
+ | «Նոր աշխարհ» ― Բազմամարդ ժողով Կուինգ֊հոլլում։ Բուռն տեսարաններ դահլիճում։ Արտասովոր դեպք։ Ի՞նչ էր այդ։ Գիշերային ցույց Ռիջենտ֊ստրիտում։ (Մեր սեփական թղթակից)։ | ||
+ | |||
+ | Կենդանաբանական ինստիտուտի վաղուց սպասված ժողովը, որտեղ լսվեց մի տարի առաջ Հարավային Ամերիկա ուղարկված հանձնաժողովի հաշվետվությունը, որը պետք է ստուգեր պրոֆեսոր Չելենջերի հայտնած տեղեկությունները՝ այդ մայրցամաքում առկա մինչպատմական կյանքի ձևերի մասին, կայացավ երեկ Կուինգ֊հոլլում, և մենք համարձակորեն կարող ենք ասել, որ այդ օրը կմտնի գիտության պատմության մեջ, որովհետև նրա իրադարձությունները այնքան արտասովոր ու սենսացիոն բնույթ ունեն, որ հազիվ թե երբևէ ջնջվեն ներկաների հիշողությունից։(Իմ գրչակից եղբայր Մակդոնա, ի՜նչ հրեշավոր կերպով երկար ներածական ֆրազ։) | ||
+ | |||
+ | Պաշտոնական հրավիրատոմսերը բաշխվել էին միայն ինստիտուտի անդամներին և նրանց մոտիկ անձերին, բայց, ինչպես հայտնի է, վերջին հասկացողությունը բավական առաձգական է, ուստի Կուինգ֊հոլլի մեր դահլիճը բերնեբերան լիքն էր ժողովի սկսվելուց շատ առաջ, որը նշանակված էր ժամը ութին։ Սակայն լայն հասարակությունը, առանց որևէ հիմքի իրեն վիրավորված համարելով, ոստիկանության հետ երկարատև ծեծկռտուքից հետո գրոհով վերցրեց դահլիճի դռները, որի ժամանակ տուժեցին մի քանի մարդ, այդ թվում տեսուչ Սկոբլը, որը ոտքի ջարդվածք ստացավ։ Ներառյալ նաև սույն խռովարարներին, որոնք գրավել էին ոչ միայն ազատ միջանցքները, այլև մամուլի ներկայացուցիչներին հատկացված տեղերը, ճանապարհորդների գալուն էին սպասում մոտավոր հաշվով հինգ հազար հոգուց ոչ պակաս մարդ։ Երբ նրանք, վերջապես, երևացին, նրանց առաջնորդեցին բեմ, ուր մինչ այդ հավաքվել էին ոչ միայն Անգլայի, այլև Ֆրանսիայի ու Գերմանիայի խոշորագույն գիտնականները։ Շվեդիան նույնպես ներկայացված էր հանձին նշանավոր կենդանաբան, Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր պարոն Սերգիուսի։ Օրվա չորս հերոսների երևալը դիմավորվեց օվացիայով, ամբողջ դահլիճը մեկ մարդու պես ոտքի կանգննեց և բացականչություններով ու ծափերով ողջունեց նրանց։ Սակայն ուշադիր դիտողն այդ հիացմունքի փոթորկում կարող էր ինչ֊որ աններդաշնակության նոտաներ որսալ և այստեղից եզրակացնել, որ ժողովն այնքան էլ խաղաղ չի ընթանալու։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ իրականում, ներկաներից ոչ ոք չէր կարող նախագուշակել։ | ||
+ | |||
+ | Ոչ մի կարիք չկա այստեղ նկարագրել մեր չորս ճանապարհորդների արտաքինը, քանի որ նրանց լուսանկարները զետեղված են բոլոր թերթերում։ Ծանր փորձությունները, որ, ինչպես ասում են, կրել են նրանք, քիչ են ազդել արշավախմբի մասնակիցների վրա, չնայած նրանք մեր ափերից հեռանալիս այդքան սևացած չէին։ Պրոֆեսոր Չելենջերի մորուքը թերևս ավելի է փարթամացել, պրոֆեսոր Սամերլիի դիմագծերը մի փոքր ավելի չորացել, լորդ Ջոն Ռոքստոնը հազիվ նկատելի նիհարել է, բայց ընդհանրապես նրանց առողջությունը չէր կարող ավելի լավ լինել։ Իսկ ինչ վերաբերում է մեր թերթի ներկայացուցիչ, նշանավոր սպորտսմեն և միջազգային կարգի ռեգբի խաղացող Է․ Դ․ Մելոունին, սպս նա շատ լավ է, և նրա ազնիվ, բայց գեղեցկությամբ չփայլող դեմքը մի գլուխ շողում է բարեհոգի ժպիտից։ (Լա՜վ, Մակ, ձեռքս կընկնե՜ս): | ||
+ | |||
+ | Երբ լռությունը վերականգնվեց, և բոլորը նստեցին իրենց տեղերում, նախագահող հերցոգ Դարհեմսկին ճառով դիմեց ժողովին։ Հերցոգն իսկույն հայտարարեց, թե քանի որ ունկնդիրները հանդիպելու են ճանապարհորդներին, նա մտադիր չէ երկար զբաղեցնել նրանց ուշադրությունը և կռահել հետաքննության հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Սամերլիի զեկուցումը, հանձնաժողով, որի ջանքերը, դատելով եղած տեղեկություններից, պսակվել են փայլուն հաջողությամբ։ (Ծափահարություններ։) Ըստ երևույթին ռոմանտիկայի դարը չի անցել և բանաստեղծի վառ երևակայությունը դեռևս կարող ք հենվել գիտության ամուր պատվանդանի վրա։ Վերջում, ― ավելացրեց հերցոգը, ― ինձ մնում է միայն հայտնել իմ ուրախությունը, և այստեղ, անկասկած, բոլոր ներկա գտնվողները կպաշտպանեն ինձ, որ ջենտլմենները ողջ և առողջ են վերադարձել իրենց դժվարին ու վտանգավոր ճանապարհորդությունից, քանզի այդ արշավախմբի կործանմամբ գիտությունը համարյա անփոխարինելի կորուստ կունենար։ (Աղմկալի ծափահարություններ, որոնց միանում է նաև պրոֆեսոր Չելենջերը։) | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Սամերլիի երևալն ամբիոնում նորից հիացմունքի փոթորիկ առաջացրեց։ Նրա ճառը շարունակ ընդհատվում էր ծափահարություններով։ Մենք բառացի չենք բերի այն, քանի որ արշավախմբի մանրամսն հաշվետվությունը, որը պատկանում է մեր թղթակցի գրչին, «Դեյլի֊գազետը» լույս է ընծայելու հատուկ բրոշյուրով։ Ուստի կբավարարվենք միայն պրոֆեսոր Սամերլիի զեկուցման համառոտակի շարադրմամբ։ | ||
+ | |||
+ | Հիշեցնելով ժողովին, թե ինչպես առաջացավ արշավախումբ ուղարկելու միտքը, հռետորը պատշաճը մատուցեց պրոֆեսոր Չելենջերին և ներողություն խնդրեց նրանից՝ անցյալում նրա խոսքերին չհավատալու համար, որոնք այժմ լիովին հաստատվեցին, որից հետո ընդհանուր գծերով շարադրեց ճանապարհորդության երթուղին, խնամքով խուսափելով որևէ նշումից, որը կարող էր ծառայել իբրև տեղեկանք սարահարթի աշխարհագրական դիրքի մասին։ Այնուհետև պրոֆեսոր Սամերլին մի քանի խոսքով նկարագրեց Ամազոնի ափերից անցումը դեպի լեռնապարը և ունկնդիրներին ցնցեց արշավախմբի՝ սարահարթ բարձրանալու բազմաթիվ փորձերի պատմությամբ, որը վերջ ի վերջո հաջողվեց երկու նվիրված մետիս֊ուղեցույցների կյանքի գնով։ (Դեպքերի այդ անակնկալ մեկնաբանությամբ մենք պարտական էինք Սամերլիին, որն ուզում էր խուսափել որոշ փափկանկատ հարցերից։) | ||
+ | |||
+ | Ունկնդիրների հետ միասին բարձրանալով սարահարթ և ստիպելով նրանց զգալ, թե չորս ճանապարհորդների համար ինչ է նշանակում կամուրջի փլվելը, միակ կապը արտաքին աշխարհի հետ, պրոֆեսորն անցավ այդ արտասովոր երկրի սարսափների և հրաշալիքների նկարագրությանը։ Իր արկածների մասին նա քիչ խոսեց, բայց աշխատեց ամեն կերպ ընդգծել, թե զննելով սարահարթի կենդանական և բուսական աշխարհը, արշավախումբն ինչպիսի հարուստ ներդրում էր կատարել գիտության մեջ։ Միջատների աշխարհն այնտեղ առանձնապես հարուստ է կարծրաթևերով ու թեփուկաթևերով։ Մի քանի շաբաթվա ընթացքում արշավախմբին հաջողվեց որոշել առաջին ընտանիքի քառասունվեց տեսակ և երկրորդ ընտանիքի իննսունչորս տեսակ միջատներ։ Բայց, ինչպես և պետք էր սպասել, հասարակությունը գլխավորապես հետաքրքրվում էր խոշոր կենդանիներով, առանձնապես նրանցով, որոնք վաղուց մեռած են համարվում։ Պրոֆեսորը մինչպատմական այդպիսի հրեշների մի երկար ցուցակ թվեց՝ հավատացնելով ունկնդիրներին, որ այդ ցուցակն զգալիորեն կարող է լրացվել սարահարթի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Նրան ու նրա ուղեկիցներին հաջողվեց սեփական աչքերով տեսնել, ճիշտ է, մեծ մասամբ հեռվից, ամենաքիչը մի տասնյակ կենդանիներ, որոնք առ այսօր անհայտ են գիտությանը։ Ժամանակին նրանք, անշուշտ, ինչպես հարկն է կուսումնասիրվեն և կդասակարգվեն։ Իբրև օրինակ պրոֆեսորը բերեց հիսունմեկ ոտնաչափ երկարությամբ մուգ ծիրանագույն օձին, ինչ֊որ սպիտակ արարածի՝ ամենայն հավանականությամբ կաթնասուն, որը մթության մեջ ֆոսֆորային փայլ էր արձակում, և հսկայական սև թիթեռին, որի խայթոցները հնդկացիների ասելով թունավոր են։ | ||
+ | |||
+ | Բացի կենդանի արարածների բոլորովին նոր տեսակներից, սարահարթը հարուստ է գիտությանը հայտնի մինչպատմական կենդանիներով, որոնցից մի քանիսին պետք է վերագրել վաղ յուրային շրջանին։ Այստեղ նա տվեց հսկա ստեգոզավրի անունը, որին մի անգամ միստր Մելոունը տեսել էր ջուր խմելիս։ Ճիշտ նույնպիսի գազան նկարված էր ամերիկացի նկարչի ալբոմում, որը թափանցել էր այդ անհայտ աշխարհը դեռևս արշավախմբից առաջ։ Պրոֆեսոր Սամերլին նկարագրեց նաև իգաուանադոնին ու պտերոդակտիլին՝ սարահարթում նրանց հանդիպած առաջին հրեշներին, և ունկնդիրներին ցնցեց՝ պատմելով աշխարհում ապրող ամենազարհուրելի գիշատիչների՝ դինոզավրերի մասին, որոնք շատ անգամ հետապնդել են արշավախմբի մերթ մեկ, մերթ մյուս անդամին։ Այնուհետև պրոֆեսորը մանրամասն խոսեց հսկա, դաժան թռչուն ֆորորակոսի և վիթխարի իշայծամների մասին, որոնք դեռևս հանդիպում են մեր երկրի սարահարթում։ | ||
+ | |||
+ | Բայց ունկնդիրների հիացմունքը ծայրահեղ չափերի հասավ, երբ պրոֆեսորը հայտնեց նրանց կենտրոնական լճի գաղտնիքների մասին։ Լսելով այդ զգաստ գիտնականի հանդարտ խոսքը, ուզում էիր կսմթել ինքդ քեզ, համոզվելու համար, որ դա երազ չէ, որ դու արթուն վիճակում լսում ես եռաչք ձկնանման սողունների և ջրային վիթխարի օձերի մասին, որոնք ապրում են այլ հանելուկային խորություններում։ | ||
+ | |||
+ | Այնուհետև նա անցավ բնիկների և մարդանման կապիկների նկարագրությանը, որոնք, ըստ երևույթին, հավանական պիտեկանտրոպի էվոլյուցիայի արդյունք են և, հետևաբար, ավելի քան կենդանական աշխարհի մի տեսակ, մոտենում են այն ենթադրական արարածին, որը գիտությանը հայտնի է իբրև «կապկի և մարդու միջև ընկած պակասոց օղակ»։ | ||
+ | |||
+ | Վերջապես, պրոֆեսորն ուրախացրեց ունկնդիրներին՝ նկարագրելով մի սրամիտ, սակայն խիստ վտանգավոր օդագնացության ապարատ՝ պրոֆեսոր Չելենջերի գյուտը, և իր խիստ հետաքրքրական զեկուցման վերջում պատմեց, թե ինչ կերպ արշավախմբին հաջողվեց վերադառնալ քաղաքակիրթ աշխարհ։ | ||
+ | |||
+ | Ենթադրվում էր, որ հենց դրանով էլ ժողովը կվերջանա և պրոֆեսոր Սերգիուսի առաջարկած բանաձևը հանձնաժողովի անդամներին շնորհակալություն հայտնելու առթիվ՝ պատշաճ ձևով կդրվի քվեարկության ու կընդունվի։ Սակայն ամեն բան սպասվածի պես հարթ չանցավ։ Ժողովի հենց սկսզբից հասարակության թշնամաբար տրամադրված մասը մի գլուխ իրեն զգացնել էր տալիս, իսկ երբ պրոֆեսոր Սամերլին իր զեկուցումը վերջացրեց, տեղից բարձրացավ Էդինբուրգի դոկտոր Ջեյմս Իլլինգվորտը և դիմեց նախագահին հետևյալ հարցով․ | ||
+ | |||
+ | ― Արդյոք մինչև բանաձևի քվեարկումը չպե՞տք է քննարկման դնել նրա մասին առաջարկվող ուղղումը։ | ||
+ | |||
+ | Նախագահ։ ― Այո, սըր, եթե այդպիսին կա։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Իլլինգվորտ։ ― Ձեռդ պայծառափայլություն, ես ուղղում ունեմ։ | ||
+ | |||
+ | Նախագահ։ ― Այդ դեպքում հրապարակեցեք այն։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Սամերլի (վեր թռչելով տեղից)։ ― Ձեռդ պայծառափայլություն, թույլ տվեք հայտնել բոլորին ի գիտություն, որ այդ մարդը իմ անձնական թշնամին է դեռևս այն ժամանակվանից, երբ մենք բանավիճում էինք «Գիտական տեսություն» ամսագրի էջերում։ | ||
+ | |||
+ | Նախագահ։ ― Անձնական կարգի հարցերը մեզ չեն վերաբերում։ Շարունակեցեք, դոկտոր Իլլինգվորտ։ | ||
+ | |||
+ | Մեր ճանապարհորդների բարեկամներն այնպիսի աղմուկ բարձրացրին, որ ժամանակ առ ժամանակ դոկտոր Իլլինգվորտի ձայնը համարյա չէր լսվում։ Ոմանք փորձեցին նույնիսկ ցած քաշել նրան ամբիոնից։ Բայց ունենալով արտասովոր ուժ և հզոր ձայն՝ դոկտոր Իլլինգվորտը հաղթահարեց բոլոր խոչընդոտները և իր ճառը հասցրեց մինչև վերջ։ Այն րոպեից, ինչ նա տեղից բարձրացավ, բոլորի համար պարզվեց, որ նա դահլիճում շատ կողմնակիցներ ունի, որոնք ճիշտ է, փոքրամասնություն էին կազմում։ Զգալի մասը տրամադրված էր սպասողաբար և առայժմ չեզոքություն էր պահպանում։ | ||
+ | |||
+ | Սկզբում դոկտոր Իլլինգվորտը պրոֆեսոր Չելենջերին և պրոֆեսոր Սամերլիին հավաստիացրեց նրանց գիտական գործունեության հանդեպ տածած իր խորին հարգանքի մասին, բայց այնուհետև ցավով հիշեց, որ չգիտես ինչու բանաձևի առթիվ իր ուղղումը բացատրում են ինչ֊որ անձնական շարժառիթով, մինչդեռ իրականում իրեն ղեկավարում է բացառապես ճշմարտության ձգտումը։ Ըստ էության նա այժմ գրավում է նույն դիրքը, ինչ֊որ անցյալ ժողովում պրոֆեսոր Սամերլին։ Այն ժամանակ պրոֆեսոր Չելենջերն առաջ քաշեց մի շարք թեզեր, որոնք կասկածի տակ առնվեցին իր կոլեգայի կողմից։ Այժմ նույն այդ կոլեգան հանդես է գալիս ճիշտ նույնպիսի պնդումներով և հույս է հայտնում, որ ոչ ոք դրանց դեմ չի առարկի։ Մի՞թե սա տրամաբանական է։ (Բացականչություններ․ «Այո, «Ոչ»։ Մամուլի ներկայացուցիչների համար առանձնացված օթյակում լսվում էր, թե ինչպես է պրոֆեսոր Չելենջերը նախագահից թույլտվություն խնդրում դոկտոր Իլլինգվորտին դահլիճից դուրս նետելու։) Մեկ տարի առաջ մի մարդ հույժ տարօրինակ բաներ էր պնդում։ Այժմ նույնը, և թերևս է՛լ ավելի մեծ չափերով, անում են չորս մարդ։ Բայց մի՞թե դա կարող է ծառայել իբրև վճռական գործոն այնտեղ, ուր խոսքը վերաբերում է գիտության մեջ համարյա հեղաշրջում կատարելուն։ | ||
+ | |||
+ | Բոլորը հիշում են այն դեպքը, երբ մի խումբ ճանապարհորդներ վերադարձան հեռավոր, անհայտ երկրներից՝ տարածելով ամեն կարգի հեքիաթներ, որոնց մարդիկ մեծ հաճույքով հավատացին։ Մի՞թե Լոնդոնի Կենդանաբանական ինստիտուտը ևս ուզում է դյուրահավատի վիճակում լինել։ Հետաքննության հանձնաժողովի անդամները հույժ արժանավոր մարդիկ են, դա ոչ ոք չի կարող ժխտել։ Բայց մարդկային բնավորությունը չափազանց բարդ է։ Առաջ գնալու ցանկությունը կարող է ճամփից շեղել ամեն մի իսկական պրոֆեսորի։ Մենք բոլորս էլ թիթեռնիկների պես թռչում ենք դեպի փառքի կրակը։ Խոշոր որսի որսորդները դեմ չեն ճշմարտության դեմ մեղանչելուն, միայն թե իրենց ախոյաններին խոցեն, իսկ ժուռնալիստները այնքան սիրահար են ամեն կարգի սենսացիաների, որ յուրաքանչյուր քայլափոխում փաստորեն օգնության են կոչում իրենց հարուստ երևակայությունը։ Հանձնաժողովի ամեն մի անդամ կարող էր ունենալ իր մոտիվները, որոնցով առաջնորդվելով, նրանք ուռցրել են էքսպեդիցիայի արդյունքները։ («Խայտռակությո՜ւն․․․ Ամաչեցե՜ք»): Նա չէր կամենում ոչ ոքի վիրավորել։ (Սակայն վիրավորո՛ւմ եք»։ Դահլիճում աղմուկ։)․․․ Բայց բոլոր այդ հրաշքների հաստատման համար ներկայացված ապացույցները կրում են չափազանց անլուրջ բնույթ։ Ինչի՞ն են հանգում դրանք։ Մի քանի լուսանկարների։ Բայց մեր օրերում կեղծարարության արվեստն այնպիսի բարձր աստիճանի է հասել, որ չի կարելի միայն լուսանկարների վրա հույս դնել։ Ուրիշ ինչո՞վ են ուզում համոզել մեզ։ Շտապ փախուստի և լարով իջնելու պատմությամբ, որն իբրև թե արշավախմբի անդամներին խանգարել է հետներն այդ հրաշալի երկրի ֆաունայի ավելի խոշոր օրինակներ վերցնելու։ Սրամիտ է, բայց ոչ այնքան էլ համոզիչ։ Այստեղ ասվեց, թե լորդ Ջոն Ռոքստոնը ֆորորակոսի գանգ ունի իր մոտ։ Բայց ո՞ւր է։ Հետաքրքրիր կլիներ տեսնել այն։ | ||
+ | |||
+ | Լորդ Ջոն Ռոքստոն։ ― Կարծես թե այդ մարդն ինձ մեղադրում է ստախոսության մե՞ջ։ (Դահլիճում աղմուկ։) | ||
+ | |||
+ | Նախագահ։ ― Լռությո՛ւն, լռությո՛ւն։ Դոկտոր Իլլինգվորտ, բարի եղեք ձևակերպելու ձեր ուղղումը։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Իլլինգվորտ։ ― Ենթարկվում եմ, չնայած կուզենայի որոշ բաներ ևս ասել։ Եվ այսպես, իմ առաջարկությունը հանգում է հետևյալին․ շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Սամերլիին հետաքրքիր զեկուցման համար, սակայն նրա բերած փաստերը համարել չապացուցված, դրանց ստուգումը հանձնարարել մի այլ, մեր վստահությանն ավելի արժանի հանձնաժողովի։ | ||
+ | |||
+ | Դժվար է նկարագրել, թե այդ ճառն ինչպիսի իրարանցում առաջացրեց դահլիճում։ Ներկաների մեծ մասը վրդովված էր մեծ ճանապարհորդների հասցեին արված այդպիսի զրպարտությունից, պահանջում էր․ «Կորչի՛ ուղղումը», «Մի՛ քվեարկեք այն», «Դո՛ւրս արեք նրան այստեղից»։ Միաժամանակ դժգոհները պաշտպանում էին դոկտոր Իլլինգվորտին և խլացուցիչ ձայներով բղավում․ «Այդ անազնվությո՜ւն է», «Նախագա՛հ, կարգի՛ հրավիրեք»։ Հետևի աթոռներին, ուր ուսանողներ էին նստած, կռիվ սկսվեց, գործի դրվեցին բռունցքները։ Միայն կանանց ներկայությունը կանխեց ընդհանուր տուրուդմփոցը։ Եվ հանկարծ, ճիչերը դադարեցին, դահլիճում լիակատար լռություն տիրեց։ Բեմում կանգնած էր պրոֆեսոր Չելենջերը։ Այդ մարդու արտաքինն ու ձևերը այնքան ազդեցիկ տպավորություն են թողնում, որ բավական է նա ձեռքը բարձրացնի, որպեսզի բոլորը նստեն իրենց տեղերը և պատրաստվեն լսելու։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ գտնվողներից շատերը հավանորեն հիշում են, ― սկսեց պրոֆեսոր Չելենջերը, որ նման անվայել տեսարան ներկայացվեց նաև մեր առաջին ժողովում։ Այն ժամանակ ինձ վիրավորողը պրոֆեսոր Սամերլին էր, և չնայած այժմ նա ուղղվել է ու մեղքերը խոստովանել, այնուամենայնիվ այդ միջադեպը չի կարող մոռացության տրվել։ Այսօր ես ստիպված էի է՛լ ավելի վիրավորական հարձակումներ լսել մի անձի կողմից, որը քիչ առաջ հեռացավ բեմից։ Ես մեծագույն ջանքեր եմ գործադրում ստիպելու ինձ՝ իջնել մինչև տվյալ անձի ինտելեկտուալ մակարդակը, բայց այդ անհրաժեշտ է ցրելու համար այն կասկածները, որ թերևս դեռ պահպանվում են ներկա գտնվողներից ոմանց մոտ։ (Ծիծաղ, աղմուկ, բացականչություններ հետևի շարքերից։) | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Սամերլին հանդես եկավ այստեղ իբրև հետաքննության հանձնաժողովի նախագահ, բայց հազիվ թե հարկ կա հիշեցնելու, որ ամբողջ գործի իսկական ոգեշնչողը հանդիսանում եմ ես և որ մեր ճանապարհորդությունը հաջողությամբ պսակվեց գլխավորապես իմ շնորհիվ։ Այս երեք ջենտլմեններին ես հասցրի անհրաժեշտ վայրը և, ինչպես լսեցիք, համոզեցի նրանց, որ իմ պնդումներն իրավացի էին։ Մենք չէինք կարծում, որ մեր համատեղ հետևությունները ևս կվիճարկվեն նույնպիսի տգիտությամբ ու համառությամբ։ Բայց, խրատված դառը փորձից, այս անգամ ես զինվեցի որոշ ապացույցներով, որոնք կարող են համոզել յուրաքանչյուր ողջամիտ մարդու։ Պրոֆեսոր Սամերլին արդեն ասաց, որ մեր լուսանկարչական կամերաներն ընկան մարդակապիկների ձեռքը, որոնք մեր ողջ ճամբարն ավերեցին, և որ նեգատիվների մեծ մասը ոչնչացավ։ (Աղմուկ, ծիծաղ, հետևի աթոռից մեկը բղավում է․ «Պատմեցեք ձեր տատի՛ն»։) Ի դեպ, մարդակապիկների մասին։ Չեմ կարող չնշել, որ այժմ իմ լսողությանը հասնող ձայները վառ կերպով հիշեցնում են մեր հանդիպումները այդ հետաքրքրական արարածների հետ։ (Ծիծաղ։) | ||
+ | |||
+ | Չնայած շատ արժեքավոր նեգատիվներ ոչնչացվեցին, այնուամենայնիվ որոշ քանակությամբ լուսանկարներ մնացին մեզ մոտ, որոնցով լիովին կարելի է դատել կյանքի պայմանների մասին սարահարթում։ Ներկա գտնվողներից որևէ մեկը կասկածներ ունի՞ դրանց իսկական լինելում։ (Ինչ որ մեկի ձայնը․ «Այո, ունենք»։ Ընդհանուր հուզում, որը վերջանում է դահլիճից մի քանի մարդու դուրս բերելով։) | ||
+ | |||
+ | Նեգատիվները առաջարկաված են փորձագետների ուշադրության։ Հանձնաժողովը ուրիշ ի՞նչ ապացույցներ կարող էր ներկայացնել։ Նա ստիպված էր փախչել սարահարթից, ուստի չէր կարող որևէ բանով ծանրաբեռնել իրեն։ Սակայն պրոֆեսոր Սամերլիին հաջողվեց փրկել թիթեռների ու բզեզների իր հավաքածուն, որտեղ շատ նոր տարատեսակներ կան։ Մի՞թե դա բավական չէ։ (Մի քանի ձայներ․ «Ո՛չ, ո՛չ»։) Ո՞վ ասաց «ոչ»։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Իլլինգվորտ (բարձրանալով տեղից)։ ― Մենք գտնում ենք, որ հավաքածուն կարելի էր կազմել որտեղ ասես, և ոչ թե անպայման ձեր մինչպատմական սարահարթում։ (Ծափեր)։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Չելենջեր։ ― Անկասկած, սըր, ձեզ նման խոշոր գիտնականի խոսքը մեզ համար օրենք է։ Սակայն թողնենք լուսանկարներն ու միջատաբանական հավաքածուն և անցնենք այն հարցերին որոնք երբեք ու ոչ մեկի կողմից չեն լուսաբանվել։ Մենք, օրինակ, միանգամայն ճշգրիտ տեղեկություններ ունենք պտերոդակտիլների մասին։ Այդ կենդանիների ապրելակերպը․․․ (Բացականչություններ․ «Դատարկ բա՛ն»։ Դահլիճում աղմուկ։) Ասում եմ այդ կենդանիների ապրելակերպը հիմա ձեզ համար բոլորովին պարզ կդառնա։ Իմ պորտֆելում մի նկար կա, որն արված է բնորդից, որի հիման վրա․․․ | ||
+ | |||
+ | Դոկոտոր Իլլինգվորտ։ ― Նկարները մեզ ոչ մի բանում չեն համոզի։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Չելենջեր։ ― Դուք կուզենայիք տեսնել բուն կենդանո՞ւն։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Իլլինգվորտ։ ― Անշուշտ։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Չելենջեր։ ― Եվ այն ժամանակ կհավատայի՞ք ինձ։ | ||
+ | |||
+ | Դոկոտոր Իլլինգվորտ (ծիծաղելով): ― Այն ժամանա՞կ։ Դե, ի՜նչ խոսք։ | ||
+ | |||
+ | Եվ այստեղ մենք մոտեցանք երեկոյի ամենահուզիչ և դրամատիկ էպիզոդին, որի էֆեկտը կմնա անգերազանցելի։ Պրոֆեսոր Չելենջերը բարձրացրեց ձեռքը, մեր կոլեգա միստր Է․ Գ․ Մելոունը իսկույն վեր կացավ տեղից և գնաց դեպի բեմի խորքը։ Մի րոպե հետո նա նորից հայտնվեց վիթխարահասակ մի նեգրի ուղեկցությամբ․ նրանք միասին բերում էին մի մեծ, քառակուսի արկղ, ըստ երևույթին խիստ ծանր։ Արկղը դրվեց պրոֆեսորի ոտքերի մոտ։ Հասարակությունը քարացավ՝ լարված հետևելով, թե ինչ է տեղի ունենում։ Պրոֆեսոր Չելենջերը հանեց արկղի շարժական կափարիչը, նայեց ներս և, մի քանի անգամ մատները ճթթացնելով ասաց գորովագին ձայնով (Ժուռնալիստական օթյակում նրա խոսքերը հիանալի էին լսվում)․ «Դե, դո՛ւրս արի, պստլիկ, դո՛ւրս արի»։ Լսվեց ինչ֊որ աղմուկ, ճանկռտոց, որից հետո անօրինակ, զարհուրելի ու նողկալի մի արարած դուրս եկավ արկղից ու նստեց նրա եզրին։ Անգամ հերցոգ Դարհեմսկու անսպասելի անկումը նվագախմբի մեջ սարսափահար հասարակության ուշադրությունը չշեղեց։ Այդ հրեշի մանրիկ, ածուխի պես վառվող աչքերը և գիշատիչ գլուխն ակամա ստիպեցին հիշել զարհուրելի քիմերներին, որոնք կարող էին ծնվել միայն միջնադարյան նկարիչների երևակայության մեջ։ Նրա կիսաբաց, երկար կտուցի վրա երկշարք շարված էին սուր ատամները։ Վեր ցցված ուսերը ծածկվել էին գորշ շալի ծալքերում։ Մի խոսքով, դա այն սատանան էր, որով մանկությանը վախեցնում էին մեզ։ | ||
+ | |||
+ | Հասարակությունն ընկավ իրարանցման մեջ։ Ինչ֊որ մեկը ճչաց, առջևի շարքերում երկու կին ուշաթափվեցին։ Բեմում նստած գիտնականները ակնհայտ ձգտում էին ցույց տալիս նախագահի օրինակով նվագախմբի մեջ գլորվելու։ Թվում էր՝ մի վայրկյան ևս, և ընդհանուր խուճապը կհամակի ամբողջ դահլիճը։ | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Չելենջերը ձեռքը բարձրացրեց գլխից վեր՝ ջանալով հանգստացնել հասարակությանը, բայց այդ շարժումը վախեցրեց իր մոտ նստած հրեշին։ Նա ուղղեց գորշ շալը, որը ոչ այլ ինչ էր, բայց եթե մի զույգ թաղանթաթև։ Պրոֆեսորը բռնեց նրա ոտքերից, բայց պահել չկարողացավ։ Հրեշը վեր թռավ արկղի վրայից և սկսեց դանդաղ պտույտներ գործել դահլիճում՝ չոր խշշոցով թափահարելով տասը ոտնաչափանոց թևերը և ահավոր մի գարշահոտություն տարածելով շուրջը։ Այդ վառվող աչքերի ու նողկալի կտուցի մոտիկությունից մահու չափ վախեցած հասարակության ճիչերը լիակատար շփոթության մատնեցին հրեշին։ Նա սկսեց ավելի ու ավելի արագ դեսուդեն զարկվել դահլիճում, դեմ առնելով պատերին ու ջահերին, և, ինչպես երևում է, ահից բոլորովին խելագարվեց։ «Պատուհա՛նը, ի սեր աստծո, փակե՛ք պատուհանը», ― բղավեց պրոֆեսորը՝ վեր֊վեր թռչելով տեղում և ձեռքերը կոտրատելով։ Ավա՜ղ, նա շատ ուշ գլխի ընկավ։ Հրեշը, որ զարկվում էր պատեպատ, ինչպես հսկայական թիթեռը լամպի ապակուն, հավասարվեց պատուհանին, իր այլանդակ մարմնով խցկվեց նրա մեջ․․․ ու թե դրել ես, արի տար։ Պրոֆեսորը ձեռքով երեսը ծածկեց ու ընկավ բազկաթոռի մեջ, իսկ դահլիճը մեկ մարդու պես թեթևացած հառաչեց՝ համոզվելով, որ վտանգն անցած է։ | ||
+ | |||
+ | Եվ այստեղ․․․ Բայց մի՞թե կարելի է նկարագրել, թե դահլիճում ինչ էր կատարվում, երբ Չելենջերի կողմնակիցների հիացմունքը և քիչ առաջվա հակառակորդների շփոթությունը ձուլվեցին ի մի, և ցնծության հզոր ալիքը ետևի շարքերից գլորվեց դեպի նվագախումբը, հարվածեց բեմին ու մեր հերոսներին բարձրացրեց իր կատարը։ (Կեցցե՛ս, Մակ։) Եթե մինչև այդ լսարանը անարդարացի էր գտնվել չորս խիզախ ճանապարհորդների նկատմամբ, ապա այժմ նա աշխատում էր իր մեղքը քավել։ Բոլորը վեր թռան տեղներից, շարժվեցին դեպի բեմ՝ գոռալով, թևերը թափահարելով։ Խիտ օղակով շրջապատեցին հերոսներին։ «Վե՛ր թռցնել նրանց, վե՛ր թռցնել», ― լսվեցին հարյուրավոր ձայներ։ Եվ ահա չորս ճանապարհորդները վերև թռան։ Ազատվելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Ասենք, որքան էլ նրանք ցանկանային ցած իջնել, չէին կարող, որովհետև մարդիկ միակտուր պատնեշի նման կանգնել էին բեմում։ | ||
+ | |||
+ | «Դեպի փողո՛ց, դեպի փողո՛ց» ― ձայն տվին չորս կողմից։ | ||
+ | |||
+ | Ամբոխը շարժման մեջ դրվեց, և մարդկային հեղեղը հանդարտ հոսեց դեպի դուռը՝ տանելով իր հետ չորս հերոսներին։ Փողոցում մի ինչ֊որ անհասկանալի բան սկսվեց։ Այստեղ հավաքվել էր հարյուր հազար մարդուց ոչ պակաս մի բազմություն։ Մարդիկ կանգնել էին ուս֊ուսի Լենհեմ֊օթելից մինչև Օքսվորդյան հրապարակը։ Հենց որ մուտքի մոտ վառ լապտերները լուսավորեցին ամբոխի գլխավերևում լողացող չորս հերոսներին, օդը թնդաց ողջույնի բացականչություններից․ «Թափորը դեպի Ռիջենտ֊ետրի՛տ», ― միահամուռ պահանջեցին բոլորը։ Փակելով փողոցը՝ շարասյունը Ռիջենտ֊ստրիտով շարժվեց առաջ դեպի Պելլ֊Մելլ, Սենտ֊Ջեյմս֊ստրիտ և Պիկադիլի։ Լոնդոնի կենտրոնում շարժումը կանգ առավ։ Մի կողմից ցուցարաների, մյուս կողմից ոստիկանության ու մեքենավարների միջև տեղի ունեցան մի շարք ընդհարումներ։ Վերջապես, արդեն կեսգիշերից հետո, ամբոխը չորս ճանապարհորդներին բաց թողեց, հասցնելով նրանց Օլբենի, լորդ Ջոն Ռոքստոնի բնակարանի դռների մոտ, հրաժեշտ տալով «Մեր փառապանծ ջահելները» երգով և ծրագիրը ավարտվեց հիմնով։ Այդպես վերջացավ այդ երեկոն՝ մեկն այն նշանակալից երեկոներից, որպիսին Լոնդոնը երբևէ տեսել է վերջին տասնամյակներում»։ | ||
+ | |||
+ | Այսպես էր գրում իմ բարեկամ Մակդոնան։ Չնայած ծանր ոճին, դեպքերի ընթացքը բավական ճիշտ էր շարադրված այդ հաշվետվության մեջ։ Ինչ վերաբերում է ամենամեծ սենսացիային, ապա դա իր անսպասելիությամբ ապշեցրեց միայն հասարակությանը, բայց ոչ մեզ՝ արշավախմբի մասնակիցնեիս։ Ընթերցողը, անշուշտ, չի մոռացել իմ հանդիպումը լորդ Ջոն Ռոքստոնի հետ, երբ նա կրինոլինի նման ինչ֊որ բան քաշած վրան, գնում էր պրոֆեսոր Չելենջերի համար «ձագուկ» ճարելու։ Հիշեցեք նաև իմ ակնարկներն այն գլխացավանքի մասին, որ պատճառեց մեզ Չելենջերի ծանրոցը սարահարթից իջնելիս։ Եթե ես մտածեի պատմությունս շարունակել, ապա նրանում քիչ տեղ չէր հատկացվի մեր ոչ այնքան ախորժելի ուղեկցին, որին ստիպված էինք գոհացնել հոտած ձկնով։ Ես այդ մասին լռեցի, որովհետև պրոֆեսոր Չելենջերը վախենում էր, թե հանկարծ այդ անհերքելի փաստարկի մասին լուրերը չհասնեն հասարակության ականջին նախքան այն րոպեն, երբ նա կօգտվի նրանից իր հակառակորդների թոզը քամուն տալու համար։ | ||
+ | |||
+ | Մի քանի խոսք լոնդոնյան պտերոդակտիլի մասին։ Այստեղ ոչ մի որոշակի բան չհաջողվեց պարզել։ Երկու ահաբեկյալ կանայք պնդում էին, թե իբր տեսել են նրան Կուինզ֊հոլլի տանիքին, ուր նա բազմել էր մի քանի ժամ, նման հրեշավոր քիմերի։ Հետևյալ օրը երեկոյան թերթերում երևաց այսպիսի բովանդակությամբ մի կարճ հաղորդում։ Գվարդիական Մայլզը, որը ժամապահ էր Մոլբորո֊հաուսում, թողել էր պոստը և դրա համար հանձնվել ռազմական դատարանին։ Դատավարության ժամանակ Մայլզը ցուցմունք էր տվել, թե գիշերային հերթապահության պահին նա պատահաբար նայել էր վերև և տեսել մի սատանա, որը ծածկել էր լուսինը։ Դրանից հետո նա հրացանը նետել էր ու փախել Պելլ֊Մելլ փողոցով։ Մեղադրյալի ցուցմունքները ուշադրության չէին առնվել, մինչդեռ դրանք կարող էին ուղղակի կապի մեջ լինել մեզ հետաքրքրող հարցի հետ։ | ||
+ | |||
+ | Կավելացնեմ ևս մի վկայություն, որը քաղել եմ Ամերիկա֊հոլանդական գծի «Ֆրիսլանդ» շոգենավի մատյանից։ Այստեղ գրված է, որ հետևյալ օրվա առավոտյան ժամը իննին, երբ Ստարտ֊Պոյնտը տասը մղոնի վրա էր, նավի աջ կողմից, վերևում, հարավ֊արևվմտյան ուղղությամբ ահավոր արագությամբ սլացավ թևավոր այծի և հսկայական չղջիկի միջին մեծության մի արարած։ Եթե բնազդը մեր պտերոդակտիլին ճիշտ էր ցույց տվել ճամփան, ապա կասկած չի կարող լինել, որ նա իր վախճանը գտավ ինչ֊որ տեղ ատլանտյան օվկիանոսի ջրերում։ | ||
+ | |||
+ | Հապա իմ Գլեդի՞սը։ Գլեդիսը, որի անունը տրվեց այն խորհրդավոր լճին և որն այսուհետև կկոչվի Կենտրոնական, որովհետև այլևս չեմ ուզում անմահություն պարգևել նրան։ Մի՞թե առաջ էլ ես այդ կնոջ բնավորության մեջ խստասրտության նշաններ չէի նկատել։ Մի՞թե չէի զգում, հպարտությամբ հնազանդվելով նրա հրամաններին, որ շատ բան չարժե այն սերը, որը մարդուն ուղարկում է հաստատ մահվան ընդառաջ կամ ստիպում կյանքը վտանգի ենթարկել։ Չէի՞ կռվում միթե այն աննահանջ մտքի հետ, որ գեղեցիկ է միայն այդ կնոջ արտաքին կերպարանքը, որ եսասիրության ու փոփոխամտության ստվերը մթագնում է նրա հոգին։ Ինչո՞ւ էր նա այդպես տարվում ամեն մի հերոսական արարքով։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ ազնիվ արարքի մեծությունը կարող էր արտացոլվել նաև նրա վրա, առանց իր կողմից որևէ ջանքի ու զոհաբերության։ Կամ միգուցե այս ամենը դատարկ, անհիմն ենթադրություննե՞ր են։ Գլուխս կորցրել էի այս բոլոր օրերի ընթացքում։ Ստացած հարվածը թունավորել էր հոգիս։ | ||
+ | |||
+ | Բայց անցել էր մեկ շաբաթ, որի ընթացքում ես մի շատ լուրջ խոսակցություն ունեցա լորդ Ջոն Ռոքստոնի հետ․․․ Քիչ առ քիչ սկսում է թվալ, թե գործերն այնքան էլ վատ չեն։ | ||
+ | |||
+ | Մի քանի խոսքով պատմեմ, թե ամեն բան ինչպես եղավ։ Սաուտհեմպտոնում ո՛չ նամակ կար իմ անունով, ո՛չ հեռագիր։ Դրանից անհանգստացած, նույն օրվա երեկոյան ժամը տասին ես արդեն կանգնել էի Ստրիտեմի փոքրիկ վիլլայի դռան առաջ։ Միգուցե նա այլևս կենդանի չէ՞։ Վաղո՞ւց է, որ ես երազում էի բաց գիրկ ժպտացող դեմք, ջերմ գովասանքներ, որ առանց հաշվի շռայլվում են սիրածի քմահաճույքներով կյանքը վտանգի ենթարկող հերոսի հասցեին։ Իրականությունն ամպերի բարձրունքից ինձ գետին շպրտեց։ Սակայն բավական է նրա մի խոսքը, որպեսզի ես նորից ճախրեմ դեպի ամպերը։ Եվ ես ամբողջ թափով սլացա պարտեզի ճամփով, ծեծեցի դուռը, լսեցի իմ Գլեդիսի ձայնը, մի կողմ հրեցի շփոթված աղախնին ու ներս ընկա հյուրասենյակ։ Նա նստած էր դաշնամուրի և բարձր լամպի միջև դրված փոքրիկ բազմոցին։ Սենյակը երեք քայլ արի ու նրա ձեռքերն առա իմ ձեռքերի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Գլե՛դիս, ― բացականչեցի ես։ ― Գլե՛դիս։ | ||
+ | |||
+ | Նա զարմանքով նայեց ինձ։ Մեր վերջին հանդիպումից հետո նրա մեջ ինչ֊որ անորսալի փոփոխություն էր կատարվել։ Սառը հայացքը, ամուր սեղմված շրթունքները՝ այդ բոլորն ինձ նոր թվաց։ Գլեդիսն ազատեց իր ձեռքերը։ | ||
+ | |||
+ | ― Այս ի՞նչ է նշանակում, ― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Գլեդի՛ս, ― ձայն տվեցի ես։ ― Ձեզ ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դուք իմ Գլեդիսն եք, իմ սիրելի փոքրիկը, Գլեդիս Հանգերտոնը։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ― ասաց նա, ― ես Գլեդիս Պոտս եմ։ Թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ ամուսնուն։ | ||
+ | |||
+ | Կյանքի ինչպիսի՜ հիմար կատակ․․․ Ես ինձ որսացի մի փոքրիկ, կարմրաշեկ սուբյեկտի մեքենայորեն գլուխ տալիս ու ձեռքը սեղմելիս, սուբյեկտ, որը հարմար կերպով տեղավորվել էր այն խոր բազկաթոռում, որ մի ժամանակ ծառայում էր միայն ինձ։ Մենք գլխով արինք իրար և նայում էինք մեկմեկու ամենահիմար ժպիտով։ | ||
+ | |||
+ | ― Հայրիկը մեզ թույլատրել է առայժմ ապրել այստեղ։ Մեր տունը դեռ պատրաստ չէ, ― բացատրեց Գլեդիսը։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ի՜նչ, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դուք Պարայում իմ նամակը չեք ստացել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես ոչ մի նամակ չեմ ստացել։ | ||
+ | |||
+ | ― Ափսոս։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ կլիներ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Այնպես էլ ամեն բան պարզ է, ― քրթմնջացի ես։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեր մասին պատմել եմ Վիլյամին, ― շարունակեց Գլեդիսը։ ― Մենք իրարից գաղտնիք չունենք։ Շատ եմ ցավում, որ այսպես ստացվեց, բայց հավանորեն ձեր զգացմունքն այնքան էլ խոր չէր, եթե կարողացաք լքել ինձ այստեղ ու մեկնել ով գիտե աշխարհի որ ծայրը։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ինչ եք ասում, ինչ եք ասում․․․ Դե, թերևս, ես գնամ։ | ||
+ | |||
+ | ― Չե՞ք ուզում մեզ հետ թեյ խմել, ― առաջարկեց կարմրաշեկ սուբյեկտը, հետո ավելացրեց մտերմական տոնով։ ― Ահա, միշտ այդպես է լինում․․․ Ուրիշ ինչի՞ վրա կարելի է հույս դնել։ Երկու ախոյաններից հաղթում է միշտ մեկը։ | ||
+ | |||
+ | Նա ծիծաղեց ապուշային ծիծաղով, և ես լավ համարեցի հեռանալ։ | ||
+ | |||
+ | Հյուրասենյակի դուռն արդեն փակվել էր ետևիցս, երբ հանկարծ ասես մի բան ինձ ետ հրեց, և, ենթարկվելով այդ ներքին մղումին, վերադարձա իմ երջանիկ ախոյանի մոտ։ Նա իսկույն մի տագնապալի հայացք նետեց էլեկտրական զանգին։ | ||
+ | |||
+ | ― Պատասխանեցեք խնդրեմ մի հարցի, ― ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Եթե դա թույլատրելի սահմաններում է, ինչ կա որ․․․ | ||
+ | |||
+ | ― Դուք ինչպե՞ս հասաք դրան․․․ Գա՞նձ եք գտել, բևե՞ռ հայտնաբերել, ծովահե՞ն եք եղել, թռել եք Լա֊Մանշի վրայո՞վ․․․ Ի՞նչ եք արել դուք։ Որտե՞ղ է նա, ռոմանտիկան։ Ինչպե՞ս հաջողվեց դա ձեզ։ | ||
+ | |||
+ | Նա աչքերը չռել էր ինձ վրա։ Նրա բարեհոգի֊հիմարավուն, ողորմելի կերպարանքը լիակատար տարակուսանք էր արտահայտում։ | ||
+ | |||
+ | ― Լավ։ ― Եվս մի հարց, վերջինը, ― բացականչեցի ես։ ― Ո՞վ եք դուք, ի՞նչ մասնագիտություն ունեք։ | ||
+ | |||
+ | ― Ես աշխատում եմ Ջոնսոն և Մերիվիլլի նոտարական գրասենյակում իբրև նամակատար։ Հասցեն՝ Չենսերի֊Լեյն, տուն քառասունմեկ։ | ||
+ | |||
+ | ― Ցտեսությո՛ւն, ― բղավեցի ես, և, ինչպես վայել է անմխիթար հերոսին, կորա գիշերային խավարում՝ հուզված զայրույթից, վշտից և․․․ ծիծաղից։ | ||
+ | |||
+ | Եվս մի կարճ տեսարան, և ես պատմությունս կավարտեմ։ | ||
+ | |||
+ | Երեկ երեկոյան մենք բոլորս հավաքվեցինք լորդ Ջոն Ռոքստոնի մոտ և ընթրիքից հետո, սիգար ծխելով, մտերմական զրույցի ընթացքում երկար հիշում էինք մեր արկածները։ Ինձ համար տարօրինակ էր այդ լավ ծանոթ դեմքերը տեսնել այդպիսի անսովոր հանգամանքներում։ Ահա նստած է Չելենջերը։ Առաջվա նման ներողամիտ ժպիտը խաղում է նրա շրթունքներին, կոպերը նույն արհամարհական ձևով կկոցված են, մորուքը վեր է ցցում, կուռծքը ուռցնում, ուժերը լարում՝ ջանալով ուսուցանել Սամերլիին։ Իսկ սա փստացնում է իր կարճ ծխամորճը և այծմորուքը ցնցում՝ կատաղորեն վիճարկելով Չելենջերի ամեն մի խոսքը։ Եվ վերջապես, ահա մեր տանտերը՝ նիհար դեմք, սառցակապույտ, արծվային աչքեր, որոնց խորքում մլմլում է մի ուրախ, խորամանկ կրակ։ Երեքն էլ այդպես շատ երկար կմնան իմ հիշողության մեջ։ | ||
+ | |||
+ | Ընթրիքից հետո անցանք լորդ Ջոնի սրբության սրբոցը՝ նրա աշխատասենյակը, որը ողողված էր վարդագույն լույսով և զարդարված բազմաթիվ հաղթանիշներով։ Մեր հետագա խոսակցությունը տեղի ունեցավ այդ սենյակում։ Տանտերը փոքրիկ պահարանից հանեց սիգարի մի հին տուփ և դրեց իր առաջ, սեղանի վրա։ | ||
+ | |||
+ | ― Թերևս վաղուց պետք է ձեզ այս գործին հաղորդակից դարձնեի, ― սկսեց նա, ― բայց ուզում եմ նախապես ամեն բան պարզել մինչև վերջ։ Արժե՞ միթե հույսեր արթնացնել և հետո համոզվել, որ դրանք անիրագործելի են։ Բայց այժմ մեր առջև փաստն է։ Հավանորեն հիշում եք այն օրը, երբ մենք ճահճում գտանք պտերոդակտիլների որջը։ Ահա, ուրեմն, ես նայեցի, այդ ճահճին և վերջ ի վերջո մտքերի մեջ ընկա։ Կասեմ, թե բանն ինչ է, եթե դուք ինքներդ ոչինչ չեք նկատել։ Դա հրաբխային ձագար էր՝ կապույտ կավով։ | ||
+ | |||
+ | Երկու պրոֆեսորն էլ գլխով արին՝ հաստատելով նրա խոսքերը։ | ||
+ | |||
+ | ― Նույնպիսի կապտակավ հրաբխային ձագար ինձ վիճակվել է միայն մեկ անգամ տեսնել իմ կյանքում՝ Կիմբեռլիի ալմաստի մեծ ցրվածքներում։ Հասկանո՞ւմ եք։ Ալմաստը մտքիցս դուրս չէր գալիս։ Այդ գարշահոտ սողուններից պաշտպանվելու համար ես զամբյուղի նման մի բան պատրաստեցի և, բահով զինվելով, վատ չէի անկացնում ժամանակս նրանց որջում։ Ահա թե ինչ հանեցի այնտեղից։ | ||
+ | |||
+ | Նա բաց արավ սիգարատուփը, շուռ տվեց այն և սեղանին թափեց մոտ երեսուն չհղկված ալմաստ՝ բակլայից մինչև շագանակի մեծության։ | ||
+ | |||
+ | ― Թերևս ասեք, որ ես պետք է անմիջապես հայտնեի իմ գյուտի մասին։ Չեմ վիճում։ Բայց անփորձ մարդը հեշտությամբ կարող է սխալվել այս քարերի հարցում։ Չէ՞ որ սրանց արժեքը կախված է ոչ այնքան մեծությունից, որքան համակազմվածքից ու մաքրությունից։ Մի խոսքով, բերի այստեղ, առաջին իսկ օրը գնացի Սպինկի մոտ ու խնդրեցի քարերից մեկը հղկել ու գնահատել։ | ||
+ | |||
+ | Լորդ Ջոնը գրպանից հանեց մի փոքրիկ տուփ և ցույց տվեց սքանչելիորեն փայլփլող մի ադամանդ, որի նմանը, թերևս, երբեք չէի տեսել։ | ||
+ | |||
+ | ― Ահա իմ ջանքերի արդյունքը, ― ասաց նա։ ― Ոսկերիչն այս բոլորը գնահատեց ամենաքիչը երկու հարյուր հազար ֆունտ։ Հասկանալի է, մենք այդ գումարը կբաշխենք հավասարապես։ Ես ոչ մի այլ բանի չեմ համաձայնի։ Դե, Չելենջեր, դուք ի՞նչ եք անելու ձեր հիսուն հազարը։ | ||
+ | |||
+ | ― Եթե իսկապես պնդում եք ձեր մեծահոգի որոշման վրա, ― ասաց պրոֆեսորը, ― ապա ես իմ բոլոր փողերը կծախսեմ մասնավոր թանգարանի կահավորման վրա, որի մասին վաղուց եմ երազում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դո՞ւք, Սամերլի։ | ||
+ | |||
+ | ― Ես կթողնեմ դասերը և ամբողջ ժամանակս կնվիրեմ կավճային շրջանի իմ բրածոների հավաքածուի վերջնական դասակարգմանը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես, ― ասաց լորդ Ջոն Ռոքստոնը, ― իմ ամբողջ բաժինը կծախսեմ արշավախմբի հանդեձավորման վրա և մի անգամ ևս կդիտեմ մեր սրտին սիրելի սարահարթը։ Ինչ վերաբերում է ձեզ, սիրելի երիտասարդ, ապա փողը ձեզ ևս հարկավոր է՝ չէ՞ որ դուք ամուսնանում եք։ | ||
+ | |||
+ | ― Դե ոչ, առայժմ չեմ պատրաստվում, ― տխուր ժպիտով պատասխանեցի ես։ ― Եթե դուք չեք առարկում, թերևս ես միանամ ձեզ։ | ||
+ | |||
+ | Լորդ Ռոքստոնը նայեց աչքերիս և իր ամուր, արևակեզ ձեռքը լուռ պարզեց դեպի ինձ։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
Տող 1137. | Տող 2761. | ||
− | <references /> | + | <references/> |
Ընթացիկ տարբերակը 23:10, 24 Ապրիլի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Բովանդակություն
- 1 Գլուխ I «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը»
- 2 Գլուխ II «Բախտներդ փորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ»
- 3 Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ է
- 4 Գլուխ IV «Մեծագույն հայտնագործությունը աշխարհում»
- 5 Գլուխ V «Դա դեռ փաստ չէ»
- 6 Գլուխ II «Ինձ կոչում էին աստծու խարազան»
- 7 Գլուխ VII «Վաղը մեկնում ենք դեպի անհայտը»
- 8 Գլուխ VIII Նոր աշխարհի մատույցներում
- 9 Գլուխ IX «Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել»
- 10 Գլուխ X «Ահա՛ հրաշքները»
- 11 Գլուխ XI Ես դառնում եմ օրվա հերոսը
- 12 Գլուխ XII «Ինչ զարհուրելի էր անտառում»
- 13 Գլուխ XIII «Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը»
- 14 Գլուխ XIV «Այդ իսկական հաղթանակ էր»
- 15 Գլուխ XV «Մեր աչքերի առաջ այնքան հրաշքներ բացվեցին»
- 16 Գլուխ XVI «Դեպի փողո՛ց, դեպի փողո՛ց»
Գլուխ I «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը»
Միստր Հանգերտոնը՝ իմ Գլեդիսի հայրը, աչքի էր ընկում անասելի անտակտությամբ և նման էր գզգզված փետուրներով ծեր թութակի, ճիշտ է՝ խիստ բարեսիրտ, բայց բացառապես իր անձով զբաղված թութակի։ Եթե որևէ բան կարող էր ինձ ետ վանել Գլեդիսից, ապա այդ նրա հոր նման աներ չունենալու ցանկությունն էր։ Ես համոզված եմ, որ շաբաթական երեք անգամ «Շագանակներ» կատարած իմ այցը միստր Հանգերտոնը վերագրում էր բացառապես իր ընկերակցության և հատկապես՝ բիմետալիզմի[1] ճամարտակվելուն, մի բան, որում նա իրեն մեծ գիտակ էր երևակայում։
Այդ երեկո էլ ես մի ժամից ավելի լսեցի նրա միալար շատախոսությունը արծաթի արժեքի իջեցման, փողի արժեզրկման, ռուփիի[2] անկման ու փողային ճիշտ սիստեմ սահմանելու անհրաժեշտության մասին։
― Պատկերացրեք, որ հանկարծ պահանջվեր աշխարհում բոլոր պարտքերը անհապաղ ու միանգամից վճարել, ― բացականչեց նա թույլ, բայց սարսափով համակված ձայնով։ ― Ինչ կլիներ այն ժամանակ առկա սիստեմի պայմաններում։
Ինչպես և պետք էր սպասել, ես ասացի, որ այդ դեպքում ինձ սնանկացում կսպառնար, բայց միստր Հանգերտոնը դժգոհ մնաց իմ այդ պատասխանից․ նա վեր թռավ բազկաթոռից, կշտամբեց ինձ իմ մշտական թեթևամտության համար, որը զրկում էր նրան ինձ հետ լուրջ հարցեր քննարկելու հնարավորությունից և դուրս թռավ սենյակից՝ մասոնական[3] մասոնական ժողովի համար շորերը փոխելու։
Վերջապես ես մենակ մնացի Գլեդիսի հետ։ Հասավ այն րոպեն, որից կախված էր իմ հետագա ճակատագիրը։ Այդ ամբողջ երեկոն ես ինձ զգում էի այնպես, ինչպես զգում է զինվորը՝ սպասելով հուսահատական հարձակման ազդանշանին, երբ նրա հոգում հաղթանակի հույսին փոխարինում է պարտության երկյուղը։
Գլեդիսը նստել էր լուսամուտի մոտ, և նրա հպարտ, նուրբ կիսադեմը պարզ գծագրվել էր կարմիր վարագույրի ֆոնին։ Ի՜նչ գեղեցիկ էր նա և միաժամանակ որքա՜ն հեռու ինձանից։ Մենք նրա հետ բարեկամներ էինք, մեծ բարեկամներ, բայց ինձ երբեք չէր հաջողվում նրան դուրս բերել այն զուտ ընկերական հարաբերությունների սահմաններից, որպիսին ես կարող էի պահպանել, ասենք, իմ կոլեգա ռեպորտյորներից ուզածի հետ։
Գլեդիսն օժտված էր այն բոլոր հատկություններով, որոնք այնպես ձգում են մեզ դեպի կինը։ Ոմանք նրան համարում էին պաղ ու խստասիրտ, բայց ինձ այդպիսի մտքերը թվում էին դավաճանություն։ Քնքուշ մաշկը՝ թուխ, համարյա ինչպես արևելյան կանանց մոտ, ագռավի թևի գույնի մազերը, նվաղուն աչքերը, լիքը, բայց հիանալի գծագրված շրթունքները՝ այդ ամենը խոսում էր կրքոտ բնավորության մասին։ Սակայն ես տխրությամբ խոստովանում էի, որ մինչև այժմ ինձ չէր հաջողվել նվաճել նրա սերը։ Բայց ինչ ուզում է լինի՝ անհայտությունը հերիք է։ Այս երեկո ես նրանից պատասխան կկորզեմ։ Միգուցե նա մերժի ինձ, բայց ավելի լավ է լինել մերժված երկրպագու, քան թե գոհանալ քեզ պարտադրված առաքինի եղբայրացուի դերով։
Այսպիսի եզրակացության գալով՝ ես արդեն ուզում էի խզել մեր անհարմար լռությունը, երբ հանկարծ ինձ վրա զգացի նրա մութ աչքերի հայացքը և տեսա, որ Գլեդիսը ժպտում է հանդիմանորեն տարուբերելով իր հպարտ գլուխը։
― Նեդ, զգում եմ, որ պատրաստվում եք ինձ առաջարկություն անել։ Հարկավոր չէ՛։ Թող ամեն ինչ մնա հնի պես, այդպես շատ ավելի լավ է։
― Ես ավելի մոտեցա նրան։
― Ինչպե՞ս գուշակեցիք։ ― Իմ զարմանքն անկեղծ էր։
― Կարծես թե մենք՝ կանայքս, այդ բանը նախապես չենք զգում։ Մի՞թե դուք կարծում եք, թե մեզ կարելի է հանկարծակիի բերել․․․ Ա՜խ, Նեդ, ես ինձ այնպես լավ էի զգում ձեզ հետ․․․ Ինչո՞ւ փչացնել մեր բարեկամությունը։ Դուք բոլորովին չեք գնահատում, որ ահա մենք երիտասարդ տղամարդ ու կին, կարող ենք անկաշկանդ խոսել իրար հետ։
― Իսկապես, չգիտեմ, Գլեդիս։ Բանն այն է, որ ես նույնքան անկաշկանդ կարող էի խոսել․․․ դե, ասենք, երկաթուղային կայարանի պետի հետ։ ― Ինքս էլ չեմ հասկանում, թե որտեղի՞ց լույս ընկավ այդ կայարանի պետը, բայց փաստը մնում է փաստ, որ հանկարծ այդ պաշտոնական անձը տնկվեց մեր առաջ և երկուսիս էլ ծիծաղեցրեց։ ― Ո՛չ, Գլեդիս, ես շատ ավելին եմ ուզում։ Ես ուզում եմ գրկել ձեզ, ուզում եմ ձեր գլուխը սեղմել կրծքիս։ Գլեդիս, ես ուզում եմ․․․
Տեսնելով, որ ես պատրաստվում եմ իրականացնել իմ խոսքերը, Գլեդիսն արագ վեր թռավ բազկաթոռից։
― Նեդ, դուք ամեն ինչ փչացրիք, ― ասաց նա։ ― Ինչքան լավ ու հասարակ է լինում մինչև դրա գալը։ Մի՞թե դուք չեք կարող ձեզ տիրապետել։
― Բայց ախր հո առաջինը ես չեմ այդ բանը մտածել, ― աղաչեցի ես։ ― Մարդկային բնույթն է այդպես։ Այդպես է սերը։
― Այո, երբ սերը փոխադարձ է, այն ժամանակ, հավանորեն, ամեն բան այլ կերպ է լինում։ Բայց ես երբեք այդ զգացումը չեմ ունեցել։
― Դո՛ւք, ձեր գեղեցկությա՜մբ, ձեր սրտո՜վ։ Գլեդիս, ախր դուք ստեղծված եք սիրելու համար։ Դուք պետք է սիրեք։
― Այդ դեպքում պետք է սպասել, մինչև որ սերն ինքը կգա։
― Բայց ինչո՞ւ դուք ինձ չեք սիրում, Գլեդիս։ Ինչն է խանգարում՝ իմ արտաքի՞նը, թե՞ մի ուրիշ բան։
Այստեղ Գլեդիսը մի փոքր մեղմացավ։ Նա պարզեց իր ձեռքը, ― որքա՜ն նազելիություն ու ներողամտություն կար այդ շարժման մեջ, և գլուխս ետ տարավ։ Հետո թախծոտ ժպիտով նայեց դեմքիս։
― Ոչ, բանն այդ չէ, ― ասաց նա։ ― Դուք սնապարծ չեք, և ես համարձակորեն կարող եմ խոստովանել, որ բանն այդ չէ։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան դուք կարծում եք։
― Իմ բնավորությո՞ւնը։
Նա գլուխը խստությամբ խոնարհեց։
― Ես կուղղվեմ, ասացեք միայն, թե ի՛նչ եք ուզում ինձանից։ Նստեցեք, ամեն ինչ միասին քննենք։ Դե, հանգիստ կմնամ, միայն թե նստեցեք։
Գլեդիսը նայեց ինձ, ինչպես երևում է կասկածելով իմ խոսքերի անկեղծությանը, բայց ինձ համար նրա կասկածանքը շատ ավելի թանկ էր լիակատար վստահությունից։ Որքան հիմար ու զզվելի է երևում այս ամենը թղթի վրա։ Սակայն, միգուցե, ի՞նձ է միայն այդպես թվում։ Ինչևէ, բայց Գլեդիսը նստեց բազկաթոռին։
― Այժմ ասացեք, թե ինչի՞ց եք դժգոհ։
― Ես սիրում եմ ուրիշին։
Վեր ցատկելու հերթը հասավ ինձ։
― Մի՛ վախեցեք, ես խոսում եմ իդեալի մասին, ― բացատրեց Գլեդիսը՝ ծիծաղն աչքերին նայելով իմ փոխված դեմքին։ ― Կյանքում դեռ այդպիսի մարդ չի պատահել ինձ։
― Ասացեք, ինչպիսի՞ն է նա, ի՞նչ տեսք ունի։
― Նա, թերևս շատ նման է ձեզ։
―Որքա՜ն բարի եք դուք։ Այդ դեպքում ի՞նչն է պակասում ինձ։ Ձեր մի խոսքը բավական է։ Ի՞նչ է նա՝ հակաալկոհոլի՞կ, բանջարակե՞ր, օդանավո՞րդ, գերմա՞րդ․․․ Ես ամեն բանի համաձայն եմ, Գլեդիս, միայն ասացեք, թե ինչ եք ուզում։
Այդպիսի զիջողամտությունը զվարճացրեց նրան։
― Ամենից առաջ հազիվ թե իմ իդեալն այդպես խոսեր։ Նա շատ ավելի ամուր ու խիստ բնավորություն է և չի կամենա այդպիսի պատրաստակամությամբ հարմարվել կանացի հիմար քմահաճույքներին։ Բայց որ ամենակարևորն է՝ նա գործողության մարդ է, մի մարդ, որն աներկուղ կնայի մահվան աչքերին, փորձով, այն էլ անսովոր փորձով հարուստ մարդ, որը պատրաստ է սխրագործության։ Ես կսիրեմ ոչ թե նրան իրեն, այլ նրա փառքը, որովհետև այդ փառքի ցոլքը կընկնի նաև ինձ վրա։ Հիշեցեք Ռիչարդ Բերտոնին։[4] Երբ ես կարդացի այդ ճանապարհորդի կենսագրությունը, որ գրել էր նրա կինը, ինձ համար հասկանալի դարձավ, թե նա ինչու էր սիրել այդ մարդուն։ Իսկ լեդի Ստենլի՞ն։[5] Հիշո՞ւմ եք նրա գրքի վերջին գլուխը իր ամուսնու մասին։ Ահա թե ինչպիսի տղամարդկանց առաջ պետք է կինը խոնարհվի։ Ահա սեր, որը ոչ թե նվաստացնում է, այլ մեծարում, որովհետև ամբողջ աշխարհը կհարգի այդպիսի կնոջը իբրև մեծ սխրագործությունների ոգեշնչողի։
Գլեդիսն այդ րոպեին այնքան գեղեցիկ էր, որ ես քիչ մնաց խախտեի մեր զրույցի վերամբարձ տոնը, սակայն ժամանակին զսպեցի ինձ ու շարունակեցի վեճը։
― Բոլորը չեն կարող Բերտոն ու Ստենլի լինել, ― ասացի ես։ ― Ասենք այդպիսի դեպք էլ չի պատահում, իսկ որ պատահեր, ես ձեռքից բաց չէի թողնի։
― Ոչ, այդպիսի դեպքեր պատահում են ամեն քայլափոխում։ Իմ իդեալի էությունն էլ հենց այն է, որ նա ինքն է գնում սխրագործությանն ընդառաջ։ Նրան ոչ մի խոչընդոտ ետ չի պահի։ Ես դեռ չեմ գտել այդ հերոսին, բայց տեսնում եմ նրան, ոնց որ աչքիս առաջ լինի։ Այո՛, մարդն ինքն է ստեղծում իր փառքը։ Տղամարդիկ պետք է սխրագործություններ կատարեն, իսկ կանայք՝ հերոսներին պարգևատրեն սիրով։ Հիշեցեք այն երիտասարդ ֆրանսիացուն, որը սրանից մի քանի օր առաջ օդապարիկով վեր բարձրացավ։ Այդ առավոտ փոթորիկ էր մոլեգնում, բայց բարձրանալը հայտարարված էր նախօրոք, և նա ոչ մի կերպ չուզեց հետաձգել այն։ Մի օրվա ընթացքում քամին օդապարիկը քշեց տարավ հազար մղոն։ Ռուսաստանի կենտրոնում ինչ֊որ տեղ։ Ահա, ես այդպիսի մարդու մասին եմ խոսում։ Հապա մտածեցեք այն կնոջ մասին, որը սիրում է նրան։ Ինչպիսի՜ նախանձ է առաջացնում նա ուրիշների մեջ։ Թող ինձ էլ նախանձեն, որ իմ ամուսինը հերոս է։
― Ձեզ համար ես պատրաստ եմ ամեն ինչի։
― Միայն ի՞նձ համար։ Ոչ, դա բանի նման չէ։ Դուք պետք է սխրագործության գնաք, որովհետև այլ կերպ չեք կարող, որովհետև այդպիսին է ձեր էությունը, որովհետև տղամարդկային բնույթը ձեր մեջ պահանջում է իր դրսևորումը։ Այ, օրինակ, դուք գրեցիք Վիգանի ածխահանքում տեղի ունեցած պայթունի մասին։ Իսկ ինչո՞ւ չիջնեիք այնտեղ և չօգնեիք մարդկանց, որոնք մեռնում էին խեղդող գազից։
― Ես իջել եմ։
― Դուք ինձ այդ մասին չեք ասել։
― Իսկ ի՞նչ մի առանձին բան կա այդտեղ։
― Ես այդ չգիտեի։ ― Նա հետաքրքրությամբ նայեց ինձ։ ― Համարձակ քայլ է։
― Ինձ ուրիշ բան չէր մնում անելու։ Եթե ուզում ես լավ ակնարկ գրել, պետք է ինքդ լինես դեպքի վայրում։
― Ի՜նչ պրոզայիկ դրդապատճառ։ Դա ոչնչացնում է ամբողջ ռոմանտիկան։ Սակայն ես շատ ուրախ եմ, որ դուք իջել եք ածխահանք։
Ես չէի կարող չհամբուրել ինձ պարզած ձեռքը՝ այնքան նազելիություն ու արժանապատվություն կան նրա այդ շարժման մեջ։
― Երևի դուք ինձ համարում եք խելացնորի մեկը, որը դեռ հրաժեշտ չի տվել իր աղջկական երազներին։ Բայց նրանք այնքան իրական են ինձ համար․․․ Ես չեմ կարող չհետևել նրանց՝ այդ բանը մտել է իմ մսի ու արյան մեջ։ Եթե ես երբևէ ամուսնանամ, ապա կամուսնանամ միայն նշանավոր մարդու հետ։
― Հապա ո՜նց, ― բացականչեցի ես։ ― Ուրիշ ովքե՞ր կարող են ոգեշնչել տղամարդկանց, եթե ոչ ձեզ նման կանայք։ Թող միայն մի հարմար առիթ ներկայանա, և այն ժամանակ կտեսնեք՝ ես կարո՞ղ եմ դրանից օգտվել թե ոչ։ Ասում եք՝ մարդ ինքը պիտի ստեղծի իր փառքը և ոչ թե սպասի, թե նա երբ կլինի իր ձեռքերի մեջ։ Ահա թեկուզ Քլայվը․[6] մի համեստ գրագիր էր, բայց նվաճեց Հնդկաստանը։ Ոչ, երդվում եմ ձեզ, դեռ աշխարհը կիմանա, թե ես ինչի եմ ընդունակ։
Գլեդիսը ծիծաղեց իմ իռլանդական բռնկվող խառնվածքի վրա։
― Ինչ կա որ, գործեցեք։ Դրա համար դուք ամեն ինչ ունեք՝ երիտասարդություն, առողջություն, ուժ, կրթություն, եռանդ։ Երբ դուք սկսեցիք այս խոսակցությունը, ես շատ տխրեցի։ Իսկ այժմ ուրախ եմ, որ այս խոսակցությունը ձեր մեջ այդպիսի մտքեր արթնացրեց։
― Իսկ եթե ես․․․
Նրա ձեռքը ինչպես փափուկ թավիշ, դիպավ իմ շրթունքներին։
― Այլևս ոչ մի խոսք, սըր։ Առանց այն էլ դուք արդեն կես ժամ ուշացել եք խմբագրությունից։ Ես պարզապես սիրտ չէի անում այդ մասին ձեզ հիշեցնել։ Բայց երբ ժամանակը գա, եթե դուք ձեզ համար տեղ նվաճեք աշխարհում, գուցե մենք վերսկսենք մեր այսօրվա խոսակցությունը։
Ահա թե ինչու ես, այնպես բախտավոր, նոյեմբերյան այդ մառախլապատ երեկոյան հասա քեմբերուելյան տրամվային, հաստատ որոշելով ոչ մի օր բաց չթողնել մեծ գործ որոնելու ուղղությամբ, որը արժանի լիենր իմ գեղեցիկ դամային։ Սակայն որ կարող էր նախատեսել, թե ինչպիսի՜ ձևեր կընդունի այդ գործը, և ի՛նչ արտասովոր ճանապարհով կհասնեմ ես նրան։
Ընթերցողը, հավանորեն, կասի, թե այս ներածային գլուխը ոչ մի կապ չունի իմ պատմության հետ, բայց առանց դրա այս պատմությունն էլ չէր լինի, որովհետև ո՛վ, եթե ոչ այն մարդը, որը ոգեշնչված է ինքն իր ձեռքով իր փառքը ստեղծելու մտքով և պատրաստ է ամեն մի սխրագործության, ընդունակ է այդպիսի վճռականությամբ կապերը խզել սովորական ապրելաձևի հետ ու ճամփա ընկնել դեպի խորհրդավոր խավարով պարուրված մի երկիր, ուր նրան սպասում են մեծ արկածներ և մեծ պարգև դրանց համար։
Պատկերացրեք, ուրեմն, թե ես՝ հինգերորդ անիվս «Դեյլի գազետ» լրագրի մարտակառքում, ինչպես անցկացրի այդ երեկոն խմբագրատանը, երբ գլխումս հասունանում էր մի անհողդողդ որոշում՝ եթե հաջողվի, այսօր իսկ հնարավորություն գտնել մի այնպիսի սխրագործության, որն արժանի լիներ իմ Գլեդիսին։ Ի՞նչն էր ղեկավարում այդ աղջկան, որը հարկադրեց ինձ կյանքս վտանգի ենթարկել նրա փառաբանման համար, խստասրտությո՞ւնը, եսասիրությո՞ւնը։ Այսպիսի մտքերը կարող են շփոթել հասուն տարիքում, բայց ոչ երբեք քսաներեք տարեկան հասակում, երբ մարդ ճանաչում է առաջին սիրո հրայրքը։
Գլուխ II «Բախտներդ փորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ»
Ես միշտ սիրել եմ մեր «Վերջին նորությունների» բաժնի վարիչին, կարմրաշեկ փնթփնթան Մակ֊Արդլին, և կարծում եմ, որ նա էլ վատ չի վերաբերվել իմ նկատմամբ։ Անշուշտ, մեր իսկական տիրակալը Բոմոնտն էր, բայց նա սովորաբար ապրում էր օլիմպիական բարձրունքների նոսր մթնոլորտում, որտեղից նրա հայացքի դեմ բացվում էին միայն այնպիսի իրադարձություններ, ինչպես միջազգային ճքնաժամերը կամ մինիստրների կաբինետի անկումը։ Երբեմն մենք տեսնում էինք, թե նա ինչպես է վեհապանծորեն ընթանում դեպի իր սրբավայրը՝ հայացքը հառած տարածության մեջ և մտովին սավառնելով ինչ֊որ Բալկաններում կամ Պարսկական ծոցում։ Մեզ համար Բոմոնտը մնում էր անմատչելի, և մենք սովորաբար գործ էինք ունենում Մակ֊Արդլի հետ, որը նրա աջ ձեռքն էր։
Երբ ես ներս մտա խմբագրություն, ծերուկը գլխով արավ ինձ և ակնոցը բարձրացրեց ճաղատին։
― Դե, միստր Մելոուն, չորս կողմից ձեր մասին է, որ լսում եմ։ Դուք հաջողություն եք ունենում, ― սիրալիր կերպով ասաց նա։
Ես շնորհակալություն հայտնեցի։
― Ձեր ակնարկը ածխահանքի պայթույնի մասին հոյակապ է։ Նույնը կարող եմ ասել Սաուտուորկի հրդեհը պատկերող թղթակցության մասին։ Դուք բոլոր տվյալներն ունեք լավ ժուռնալիստ դառնալու։ Որևէ գործո՞վ եք եկել ինձ մոտ։
― Այո։ Ուզում եմ ձեզնից մի բան խնդրել։
Մակ֊Արդլի աչքերը վախեցած պտտվեցին չորս կողմ։
― Հը՜մ֊հը՜մ․․․ Ի՞նչ բան է։
― Սըր, արդյոք չէի՞ք կարող մեր թերթի կողմից որևէ հանձնարարությամբ մի տեղ ուղարկել ինձ։ Ես ամեն ինչ կանեմ ու հետաքրքրական նյութ կբերեմ ձեզ։
― Ի՜նչ հանձնարարություն նկատի ունեք, միստր Մելոուն։
― Ինչպիսին ուզում եք, սըր, միայն թե կապված լինի արկածների և վտանգների հետ։ Ես թերթը ամոթով չեմ թողնի, սըր։ Եվ որքան դժվար լինի ինձ համար, այնքան լավ։
― Երևում է, դուք ձեր կյանքից ձեռ եք քաշել։
― Ոչ, ես չեմ ուզում, որպեսզի նա իզուր անցնի, սըր։
― Թանկագին միստր Մելոուն, դուք արդեն շատ եք․․․ շատ եք վեր ճախրում։ Այն ժամանակները չեն։ Սեփական թղթակիցների վրա կատարվող ծախսերն այլևս չեն արդարացնում իրենց։ Եվ, համենայն դեպս, այդպիսի հանձնարարությունները արվում են անուն ունեցող մարդկանց, որոնք կարող են նվաճել հասարակության վստահությունը։ Քարտեզի վրա եղած սպիտակ բծերը վաղուց են լցվել, իսկ դուք ոչ այս, ոչ այն՝ երաղում եք ռոմանտիկական արկածների մասին։ Բայց, սպասեցեք, ― ավելացրեց նա և հանկարծ ժպտաց։ ― Ի դեպ, սպիտակ բծերի մասին։ Իսկ ինչ, եթե մենք պսակազերծ անենք մի շառլատանի, ժամանակակից Մյունհաուզենի, և նրան ծիծաղելի դարձնենք բոլորի աչքում։ Ինչո՞ւ դուք չմերկացնեք նրա սուտը։ Դա վատ չի լինի։ Դե համաձա՞ն եք։
― Ուր ուզեք, որտեղ ուզեք՝ ամեն ինչի պատրաստ եմ։
Մակ֊Արդլը խորասուզվեց մտածմունքների մեջ։
― Մի մարդ կա, ― վերջապես խոսեց նա։ ― Միայն թե չգիտեմ, կհաջողվի՞ ձեզ ծանոթություն հաստատել նրա հետ, կամ գոնե ինտերվյու ստանալ։ Բայց կարծեմ դուք օժտված եք մարդկանց դեպի ձեզ տրամադրելու շնորհքով։ Չգիտեմ, թե բանն ինչ է՝ համակրելի պատանի եք՝ դրանի՞ց է, կենդանական մագնիսականությունի՞ց, թե՞ ձեր կենսուրախությունից, բայց այդ բանը ինձ վրա եմ զգացել։
― Դուք շատ բարի եք իմ նկատմամբ, սըր։
― Այդպես, ուրեմն, ինչո՞ւ դուք ձեր բախտը չփորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ։ Նա ապրում Էնմոր֊Պարկում։
Պետք է խոստովանեմ, ես մի փոքր մտահոգվեցի այդ առաջարկությունից։
― Չելենջե՞ր։ Նշանավոր կենդանաբան պրոֆեսոր Չելենջե՞րը։ Այդ նա չէ՞ր որ «Տելեգրաֆի» աշխատակից Բլանդելի գլուխը ջարդեց։
«Վերջին նորությունների» բաժնի վարիչը մռայլ քմծիծաղեց։
― Ի՛նչ, դուր չի՞ գալիս։ Չէ որ դուք պատրաստ էիք ամեն մի սխրագործության։
― Ոչ, ինչո՞ւ։ Մեր գործում ամեն բան պատահում է, սըր, ― պատասխանեցի ես։
― Միանգամայն ճիշտ է։ Բայց չեմ կարծում, թե նա միշտ էլ այդպիսի կատաղի տրամադրության մեջ լինի։ Հավանորեն, Բլանդելը անժամանակ է ընկել նրա մոտ կամ այնպես չի վարվել ինչպես պետք է։ Հուսով եմ, որ դուք ավելի հաջողակ կլինեք։ Վստահ եմ նաև ձեզ հատուկ խոհեմության վրա։ Դա իսկը ձեր գծով է, իսկ թերթը հաճույքով կզետեղի այդպիսի նյութը։
― Ես պարզապես ոչինչ չգիտեմ այդ Չելենջերի մասին։ Միայն հիշում եմ նրա անունը՝ կապված Բլանդելին ծեծելու դատավարության հետ, ― ասացի ես։
― Ինձ մոտ որոշ տեղեկություններ կգտնվեն, միստր Մելոուն։ Իր ժամանակին ես հետաքրքրվում էի այդ սուբյեկտով։ ― Նա դարակից մի թերթ թուղթ հանեց։ ― Ահա համառոտակի այն ամենը, ինչ֊որ հայտնի է նրա մասին։ «Չելենջեր Ջորջ Էդուարդ։ Ծնվել է Լարգսում 1863 թվականին։ Կրթությունը․ Լարգսի դպրոց, Էդինբուրգի համալսարան։ 1892֊ին՝ Բրիտանական թանգարանի գիտական աշխատող։ 1893֊ին՝ Համեմատական մարդաբանության թանգարանում բաժնի վարիչի օգնական։ Նույն տարում թողեց այդ տեղը, թունալից նամակներ փոխանակելով թանգարանի դիրեկտորի հետ։ Արժանացել է մեդալի կենդանաբանության ասպարեզում կատարած գիտական հետազոտությունների համար։ Օտարերկրյա գիտական ընկերությունների անդամ․․․»։ Դե, այստեղ հետևում է տասը տող պետիտով շարված երկար֊բարակ մի թվարկում․ Բելգիական ընկերություն, Ամերիկյան ակադեմիա, Լա֊Պլատա և այլն, Հնէաբանական ընկերության փոխպրեզիդենտ, Բրիտանական ասոցացիա և ուրիշներ։ Տպագիր աշխատություններ․ «Կալմիկների գանգի կառուցվածքի հարցի արթիվ», «Ողնաշարավորների էվոլյուցիայի ուրվագծեր» և բազմաթիվ հոդվածներ, այդ թվում «Վեյսմանի կեղծ թեորիան», որը տաք վեճեր առաջ բերեց Վիեննայի կենդանաբանական կոնգրեսում։ Սիրած զվարճություններ․ ոտքով զբոսանքներ, ալպինիզմ։ Հասցեն․ Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։ Ահա սա վերցրեք ձեզ հետ։ Այսօր այլևս ոչնչով չեմ կարող ձեզ օգնել։
Ես թուղթը դրի գրպանս և, տեսնելով, որ Մակ֊Արդլի կարմիր դեմքի փոխարեն ինձ է նայում նրա վարդագույն ճաղատը, ասացի․
― Մի րոպե, սըր։ Ինձ այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ հարցով պետք է ինտերվյու վերցնել այդ ջենտլմենից։ Նա ի՞նչ է արել։
Աչքերիս առաջ նորից երևաց Մակ֊Արդլի կարմրայտ կերպարանքը։
― Ինչ է արե՞լ։ Երկու տարի առաջ միայնակ մեկնել է Հարավային Ամերիկա։ Վերադարձավ անցյալ տարի։ Հարավային Ամերիկայում եղել է անկասկած, սակայն հրաժարվում է ճշգրիտ մատնանշել, թե հատկապես ո՛րտեղ։ Նոր էր սկսել մշուշապատ տեսքով շարադրել իր արկածները, բայց առաջին իսկ կասկածամտությունից հետո ասես բերանը ջուր առավ։ Ինչպես երևում է, ինչ֊որ հրաշքներ են տեղի ունեցել, եթե միայն նա վիթխարի մի սուտ չի մատուցում, որը, ի դեպ, ավելի քան հավանական է։ Վկայակոչում է փչացած լուսանկարները, ինչպես պնդում են՝ կեղծված։ Մարդուն այն տեղը հասցրին, որ սկսեց տառացիորեն հարձակվել բոլորի վրա, ովքեր հարցերով դիմում են իրեն, և արդեն մի քանի ռեպորտյորի աստիճաններից ցած է գլորել։ Ըստ իս, նա պարզապես վտանգավոր մանյակ է, որն իրեն երևակայում է մեծ գիտնական և ընդունակ է մարդասպանության։ Ահա թե ում հետ պետք է գործ ունենաք, միստր Մելոուն։ Իսկ այժմ, մա՛րշ այստեղից։ Աշխատեցեք դուրս քամել նրանից այն ամենը, ինչ֊որ հնարավոր է։ Դուք մարդ եք և կարող եք պաշտպանել ձեզ։ Վերջ ի վոերջո ռիսկն այնքան էլ մեծ չէ, եթե նկատի ունենանք աշխատանք տվողների պատասխանատվության օրենքը։
Քմծիծաղող կարմիր կերպարանքը նորից թաքնվեց աչքիցս, և ես տեսա նրա՝ կարմրաշեկ մազերով շրջանակված վարդագույն ձվածիրը։ Մեր զրույցը վերջացած էր։
Քայլերս ուղղեցի դեպի մեր «Վայրենի» ակումբը, բայց ճամփին կանգ առա Ադելֆի֊Տեռասի պատվարորմի մոտ և երկար մտախոհ նայում էի ներքև, գետի մակերեսի մութ, ծիածանագույն նախշերին։ Թարմ օդում իմ գլխի մեջ միշտ էլ առողջ, պարզ մտքեր են ծնվում։ Հանեցի գրպանիցս թերթիկը, որը թվարկում էր պրոֆեսոր Չելենջերի բոլոր սխրագործությունները և արագ աչքի անցկացրի այն՝ փողոցի լապտերի լույսի տակ։ Այստեղ ես ոգեշնչվեցի՝ ուրիշ ո՛չ մի կերպ չի կարելի անվանել այդ։ Դատելով այն ամենից, ինչ որ ես արդեն գիտեի այդ կռվարար պրոֆեսորի մասին, մի բան պարզ էր, որ ոչ մի ռեպորտյոր չի կարող նրա մոտ ընկնել։ Բայց նրա կարճ կենսագրության մեջ հիշատակվող երկու սկանդալները վկայում էին միայն, որ նա գիտության ֆանատիկ է։ Այդպես, ահա, չի՞ կարելի արդյոք խաղալ նրա այդ թուլության վրա։ Փորձե՜նք։
Մտա ակումբ։ Տասներկուսի սկիզբն էր, և հյուրասենյակում արդեն մարդիկ էին խռնվել, չնայած դեռ շատ ժամանակ կար մինչև լրիվ հավաքվելը։ Բուխարու մոտ դրված բազկաթոռին մի ինչ֊որ բարձրահասակ, նիհար մարդ էր նստել։ Երբ իմ բազկաթոռը մոտեցրի կրակին, նա դեմքով շուռ եկավ դեպի ինձ։ Ես միայն երազել կարող էի այդպիսի հանդիպման մասին։ Դա «Բնություն» ամսագրի աշխատակից Հենրի Տարպն էր՝ մումիայի նման վտիտ, աշխարհի ամենաբարի արարածը։ Իսկույն գործի անցա։
― Ի՞նչ գիտեք պրոֆեսոր Չելենջերի մասին։
― Չելենջերի՞։ ― Տարպն անբավական մռայլվեց։ ― Այդ այն մարդն է, որն ամեն տեսակ հեքիաթներ էր պատմում Հարավային Ամերիկայում կատարված իր ճանապարհորդության մասին։
― Ի՞նչ հեքիաթներ։
― Իբրև թե ինչ֊որ զարմանալի կենդանիներ է հայտնաբերել այնտեղ։ Մի խոսքով, անհավատալի ցնդաբանություն։ Հետագայում, կարծեմ, նրան հարկադրեցին հրաժարվելու իր խոսքերից։ Համենայն դեպս, նա լռեց։ Նրա վերջին փորձը Ռեյտերին տրված ինտերվյուն է։ Բայց այդ բանը փոթորիկ առաջացրեց, և նա իսկույն հասկացավ, որ գործը վատ է։ Այդ ամբողջ պատմությունը սկանդալային բնույթ ունի։ Ոմանք նրա պատմածները լուրջ բանի տեղ ընդունեցին, բայց շուտավ նա այդ սակավաթիվ պաշտպաններին էլ ետ վանեց իրենից։
― Ինչո՞վ։
― Իր անասելի կոպտությամբ և վրդովեցուցիչ վարքով։ Կենդանաբանական ինստիտուտի խեղճ Ուեդլին նույնպես անախորժություն ունեցավ։ Նա այպիսի բովանդակությամբ մի նամակ ուղարկեց Չելենջերին․ «Կենդանաբանական իստիտուտի դիրեկտորը հավաստում է իր հարգանքը պրոֆեսոր Չելենջերին և պատիվ կհամարի իրեն, եթե պրոֆեսորը ներկա գտնվի ինստիտուտի հերթական ժողովին»։ Պատասխանը միանգամայն անթույլատրելի էր։
― Չի՛ կարող պատահել։
― Խիստ մեղմացված տեսքով դա հնչում է մոտավորապես այսպես․ «Պրոֆեսոր Չելենջերը հավաստում է իր հարգանքը Կենդանաբանական ինստիտուտի դիրեկտորին և սիրալիրություն կհամարի նրա կողմից, եթե նա գրողի ծոցն անցնի»։
― Տե՜ր աստված։
― Այո, երևի նույն բանն ասաց նաև ծերուկ Ուեդլին։ Հիշում են նրա աղաղակը ինստիտուտի նույն ժողովում․ «Գիտության գործիչների հետ ունեցածս հիսուն տարվա շփման ընթացքում․․․»։ Ծերուկը բոլորովին կորցրել էր ոտքի տակի հողը։
― Դե, ուրիշ ինչ կպատմեք այդ Չելենջերի մասին։
― Ախր, ինչպես ձեզ հայտնի է, ես մանրէաբան եմ։ Ապրում եմ այն աշխարհում, որ երևում է ինը հարյուր անգամ մեծացող մանրադիտակով, իսկ այն, ինչ տեսանելի է չզինված աչքին, ինձ քիչ է հետաքրքրում։ Ես կանգնած եմ ճանաչելիի սահմանի պահպանության դիրքում և երբ ստիպված եմ լինում թողնել իմ աշխատասենյակն ու հանդիպել մարդկանց, ― անճոռնի ու կոպիտ այդ արարածներին, ― դա միշտ ինձ հավասարակշռությունից հանում է։ Ես կողմնակի մարդ եմ, գլուխ չունեմ բամբասանքների, բայց և այնպես Չելենջերի մասին եղած խծրծանքներից որոշ բան հասել է նաև իմ ականջին, որովհետև նա այն մարդկանցից չէ, որոնցից պարզապես կարելի է խույս տալ։ Չելենջերը խելոք մարդ է։ Նա մարդկային ուժի ու կենսունակության ակումուլյատոր է, բայց միաժամանակ կատաղի ֆանատիկ, որն իր նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում։ Այդ մարդը հասել է մինչև այնտեղ, որ վկայակոչում է ակնհայտորեն կեղծված ինչ֊որ լուսանկարներ, պնդելով, թե իբր դրանք բերված են Հարավային Ամերիկայից։
― Դուք նրան ֆանատիկ անվանեցիք։ Ինչո՞ւմն է արտահայտվում այդ ֆանատիզմը։
― Ինչում ուզես։ Նրա վերջին արտառոց վարմունքը Վեյսմանի էվոլյուցիոն թեորիայի վրա հարձակումներն են։ Ասում են, թե նա Վիեննայում մի մեծ սկանդալ է սարքել այդ առթիվ։
― Չէ՞ք կարող ավելի մանրամասն պատմել, թե բանն ինչ է։
― Ոչ, հիմա չեմ կարող, բայց մեր խմբագրությունում կան Վիեննայի կոնգրեսի արձանագրությունների թարգմանություններ։ Եթե ուզում եք ծանոթանալ, գնանք, ես ձեզ ցույց կտամ։
― Դա շատ հարմար կլիներ։ Ինձ հանձնարարված է ինտերվյու վերցնել այդ սուբյեկտից, ահա ուրեմն անհրաժեշտ է մոտեցման որևէ եղանակ գտնել։ Շատ շնորհակալ եմ օգնության համար։
Կես ժամ հետո ես նստած էի ամսագրի խմբագրատանը, առջևս դրված էր մի հաստ հատոր, բացված «Վեյսմանը Դարվինի դեմ» էջում, որ ուներ այսպիսի ենթավերնագիր․ «Բուռն բողոքներ Վիեննայում։ Աշխույժ վիճաբանություններ»։ Իմ գիտական պաշարը աչքի չի ընկնում հիմնավորությամբ, դրա համար էլ ես չէի կարող թափանցել վեճի բուն էության մեջ, բայց և այնպես մեկեն ինձ համար պարզ դարձավ, որ անգլիացի պրոֆեսորը վիճում էր ծայրահեղ սրությամբ, որով չափազանց գրգռում էր իր մայր ցամաքի կոլեգաներին։ Ես ուշադրություն դարձրի հենց առաջին երեք փակագծերին․ «Բողոքի բացականչություններ տեղերից», «Դահլիճում աղմուկ», «Ընդհանուր վրդովվմունք»։ Հաշվետվության մնացած մասը ինձ համար ոնց որ չինարեն։ Այնքան քիչ էի գլուխ հանում կենդանաբանությունից, որ ոչինչ չհասկացա։
― Գոնե դուք այս բաները մարդկային լեզվով թարգմանեցեք ինձ համար, ― աղաչեցի ես՝ դիմելով կոլեգայիս։
― Ախր սա հենց թարգմանությունն է որ կա։
― Այն ժամանակ ավելի լավ է դիմեմ բնագրին։
― Իսկապես, անիրազեկ մարդը դժվար է կարող հասկանալ, թե բանն ինչ է։
― Երանի կարողանայի այս ամբողջ անմտությունից դուրս քաղել մի միակ խելամիտ ֆրազ, որն իր մեջ որևէ որոշակի բովանդակություն ունենար։ Ահա, այ սա կարծես հարմար է։ Ես նույնիսկ համարյա հասկանում եմ։ Հիմա կարտագրենք։ Թող սա ծառայի իբրև կապող օղակ իմ և ձեր այդ սարսափելի պրոֆեսորի միջև։
― Ուրիշ բան չե՞ք ուզում։
― Ո՛չ, ո՛չ, սպասեք։ Ուզում եմ մի նամակով դիմել նրան։ Եթե թույլ տաք նամակը գրել այստեղ և օգտվել ձեր հասցեից, այդ ավելի ազդեցիք բնույթ կտա իմ ուղերձին։
― Այն ժամանակ Չելենջերն անմիջապես կներխուժի այստեղ և ջարդուփշուր կանի մեր ողջ կահ֊կարասին։
― Չէ, ի՜նչ եք ասում։ Նամակը ցույց կտամ ձեզ։ Հավատացնում եմ, որ ոչ մի վիրավորական բան չի լինի այնտեղ։
― Ինչ արած, նստեք իմ սեղանի մոտ։ Ահա թուղթ։ Նամակն ուղարկելուց առաջ տվեք ինձ գրաքննության։
Բավական երկար տքնեցի, բայց վերջ ի վերջո արդյունքը վատ չստացվեց։ Հպարտ իմ ստեղծագործությամբ, ես բարձրաձայն կարդացի այն հոռետեսորեն տրամադրված մանրէաբանին։
― «Մեծարգո պրոֆեսոր Չելենջեր։ Լինելով համեստ բնախույզ՝ ես խորին հետաքրքրությամբ եմ հետևում այն ենթադրություններին, որ Դուք արտահայտել եք Դարվինի և Վեյսմանի թեորիաների միջև գոյություն ունեցող հակասությունների առթիվ։ Վերջերս ես հնարավորություն ունեցա հիշողությանս մեջ թարմացնելու Ձեր․․․»։
― Անխիղճ ստախոս, ― քրթմնջաց Հենրի Տարպը։
― «․․․ Ձեր փայլուն նյութը Վիեննայի կոնգրեսում։ Շարադրված մտքերով խիստ հստակ այդ զեկուցումը պետք է համարել բնագիտության ասպարեզում գիտության վերջին խոսքը։ Սակայն այնտեղ ասված է ահա թե ինչ․ «Ես վճռականորեն առարկում եմ այն անընդունելի և գերդոգմատիկ պնդման դեմ, որ իբր յուրաքանչյուր մեկուսացած ինդիվիդ մի միկրոկոսմ է՝ օժտված օրգանիզմի պատմականորեն առաջացած կազմությամբ, որը (օրգանիզմը) մշակվել է աստիճանաբար, բազմաթիվ սերունդների ընթացքում»։ Արդյոք անհրաժեշտ չէ՞իքն համարի այդ բնագավառում կատարված վերջին հայտնագործությունների կապակցությամբ որոշ ուղղումներ մտցնել ձեր ասածներում։ Որոշ բռնազբոսիկություն չկա՞ դրանց մեջ։ Բարի եզեք ընդունել ինձ, քանի որ ինձ համար խիստ անհրաժեշտ է լուծել այդ հարցը, իսկ իմ գլխում ծագած որոշ մտքեր կարելի է զարգացնել միայն անձնական զրույցի ընթացքում։ Ձեր թույլտվությամբ պատիվ կունենամ այցելելու Ձեզ վաղը չէ մյուս օրը (չորեքշաբթի) առավոտյան ժամը տասնմեկին։ Մնամ, սըր, Ձեր խոնարհ ծառա, Ձեզ հարգող Էդուարդ Դ․ Մելոուն»։
― Դե, ինչպե՞ս է, ― հաղթականորեն հարցրի ես։
― Եթե ձեր խիղճը չի բողոքում․․․
― Նա դեռ երբեք չի դավաճանել ինձ։
― Բայց հետո ի՞նչ եք անելու։
― Կգնամ նրա մոտ։ Հաջողվե՜ր միայն մտնել նրա աշխատասենյակը, իսկ հետո կմտածեմ, թե ինչպես պետք է գործել։ Թերևս հարկ լինի մինչև իսկ անկեղծորեն ամեն ինչ խոստովանել։ Եթե պրոֆեսորը սպորտային ջիղ ունի, ես դրանով միայն կհաճոյանամ նրան։
― Կհաճոյանա՞ք։ Զգուշացեք, որ նա որևէ ծանր բանով չհասցնի ձեզ։ Խորհուրդ եմ տալիս ձեզ օղազրահ կամ ամերիկյան ֆուտբոլային կոստյում հագնել։ Դե, հաջողություն։ Պատասխանն այստեղ ձեզ կսպասի չորեքշաբթի առավոտյան, եթե միայն նա բարեհաճի պատասխանել։ Դա մի կատաղի, վտանգավոր սուբյեկտ է, ընդհանուր թշնամանքի թիրախ և ծիծաղի առարկա այն ուսանողների համար, որոնք չեն վախենում նրան գրգռելուց։ Ձեզ համար, թերևս, ավելի լավ կլիներ, եթե երբեք էլ չլսեիք Չելենջերի մասին։
Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ է
Բարեկամիս երկյուղներն ու հույսերը չարդրացան։ Երբ չորեքշաբթի օրը անցա նրա մոտ, ինձ սպասում էր կենսինգտոնյան դրոշմակ կրող նամակը։ Հասցեն խզբզած էր մի ձեռագրով, որը փշալար էր հիշեցնում։ Նամակի բովանդակությունն այս էր․
«Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։
Սըր։
Ստացա ձեր նամակը, որով հավաստում եք, թե պաշտպանում եք իմ տեսակետը, որը, սակայն, ոչ ոքի պաշտպանության կարիքը չի զգում։ Խոսելով դարվինիզնի առթիվ իմ ասյութների մասին, Դուք համարձակություն եք ունեցել գործածել «ենթադրություններ» բառը։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ տվյալ կոնտեքստում դա որոշ չափով վիրավորական է։ Սակայն, Ձեր նամակի բովանդակությունը համոզում է ինձ, որ ավելի շատ Ձեզ կարելի է մեղադրել տգիտության և անտակտության, քան թե որևէ վատ մտադրության մեջ, ուստի Դուք դրա համար անպատիժ կմնաք։ Դուք ցիտում եք իմ զեկուզումից դուրս կորզած մի ֆրազ և, ըստ երևույթին, այնքան էլ լավ չեք հասկանում այն։ Ինձ թվում է, որ այդ ֆրազի միտքը կարող է մութ մնալ միայն այնպիսի արարածի համար, որը կանգած է զարգացման ցածրագույն աստիճանի վրա, բայց եթե նա իրոք լրացուցիչ մեկնաբանություն է պահանջում, ապա ես պատրաստ եմ ընդունել Ձեզ Ձեր նշած ժամին, չնայած ամեն կարգի այցելություններն ու այցելուները անասելի տհաճություն են պատճառում ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իմ տեսության «որոշ ուղղումներին», ապա թող հայտնի լինի Ձեզ, որ ես հասուն դատողությամբ արտահայտելով իմ հայացքները, սովորություն չունեմ այլևս փոխել դրանք։ Երբ Դուք կգաք, բարի եղեք այս նամակի ծրարը ցույց տալ իմ ծառա Օստինին, քանզի նրա պարտականությունների մեջ է մտնում պաշտպանել ինձ այն աներես սրիկաներից, որոնք իրենց ռեպորտյորներ են անվանում։
Ձեզ հարգող՝
Ջորջ Էդուարդ Չելենջեր»։
Այդ էր իմ ստացած պատասխանը, և ես բարձրաձայն կարդացի այն Հենրի Տարպին, որը դիտմամբ ավելի վաղ էր եկել խմբագրություն, որպեսզի իմ համարձակ փորձի արդյունքները իմանա։ Տարպը սահմանափակվեց միայն հետևյալ դիտողությամբ։
― Ասում են՝ կա արյունահոսությունը դադարեցնող ինչ֊որ մի նոր միջոց՝ կուտիկուրա կամ դրա նման մի բան։ Նա փռնչուկից ավելի լավ է ազդում։
Հումորի ի՜նչ տարօրինակ ու անհասկանալի զգացումով են օժտված որոշ մարդիկ․․․
Նամակն ստացա տասն անց կեսին, բայց կեբն առանց ուշացման ինձ հասցրեց նշանակված տեղը։ Այն տունը, որի առաջ կանգ առանք, խիստ ազդեցիկ տեսք ուներ․ մեծ շքամուտքը և պատուհանների ծանր վարագույրները վկայում էին այդ ահեղ պրոֆեսորի բարեկեցության մասին։ Դուռն իմ առաջ բացեց թուխ, անորոշ տարիքի չորիկ֊մորիկ մի մարդ, որ հագին ուներ նավաստու սև բաճկոնակ, իսկ ոտքերին՝ կաշվե դարչնագույն զանգապաններ։ Հետո իմացա, որ նա վարորդ էր և կատարում էր ամենատարբեր պարտակնություններ, որովհետև ոչ մի ծառա չէր դիմանում այդ տանը։ Նրա բաց կապտագույն աչքերը ոտից գլուխ զննեցին ինձ քննական հայացքով։
― Ձեզ սպասո՞ւմ են, ― հարցրեց նա։
― Այո, ինձ տեսակցություն է նշանակված։
― Նամակը մոտնե՞րդ է։
Ես ցույց տվի ծրարը։
― Ճիշտ է։
Այդ մարդը ըստ երևույթին, չէր սիրում իզուր տեղը խոսքեր վատնել։ Ես միջանցքով հետևում էի նրան, երբ հանկարծ, երևի սեղանատան դռնից, արագ իմ առաջ ելավ մի կին։ Սև աչքերով, աշխույժ այդ կինը ավելի շատ նման էր ֆրանսուհու, քան անգլուհու։
― Մի րոպե, ― ասաց նա։ ― Սպասեցեք, Օստին։ Սը՛ր, այստեղ եկեք։ Թույլ տվեք հարցնել՝ դուք առաջ հանդիպե՞լ եք իմ ամուսնուն։
― Ո՛չ, տիկին, պատիվ չեմ ունեցել։
― Այդ դեպքում ես նախապես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Պետք է նախազգուշացնեմ ձեզ, որ նա բոլորովին անտանելի մարդ է, բառի լիակատար իմաստով, անտանելի։ Իմանալով այդ, դուք ներողամիտ կլինեք նրա նկատմամբ։
― Ես գնահատում եմ այդպիսի ուշադրությունը, տիկին։
― Հենց կտեսնեք, որ նա համբերությունից դուրս է գալիս, իսկույն դուրս փախեք սենյակից։ Մի հակաճառեք նրան։ Շատերն են արդեն հատուցել այդպիսի անզգուշության համար։ Իսկ հետո գործը բացվում է, և այդ շատ վատ է անդրադառնում թե՛ ինձ, թե՛ բոլորիս վրա։ Ինչի՞ մասին եք ուզում խոսել նրա հետ, արդյոք ո՞չ Հարավային Ամերիկայի։
― Ես կանանց առաջ չեմ կարող ստել։
― Աստվա՜ծ իմ։ Դա ամենավտանգավոր թեման է։ Դուք նրա ոչ մի խոսքին չեք հավատա, որը բոլորովին էլ ինձ չի զարմացնի։ Միայն թե ձեր անվստահությունը բարձրաձայն մի արտահայտեք, թե չէ՝ նա կսկսի մոլեգնել։ Այնպես ձևացրեք, թե հավատում եք նրան, այն ժամանակ, թերևս, ամեն ինչ բարեհաջող անցնի։ Չմոռանաք, որ նա համոզված է, թե ինքն իրավացի է։ Դրանում կարող եք չկասկածել։ Նա ինքը ազնվությունն է որ կա։ Հիմա գնացեք, հանկարծ ձեր ուշանալը կարող է նրան կասկածելի թվալ։ Իսկ երբ նկատեք, որ նա վտանգավոր է դառնում, իսկականից վտանգավոր, զանգը հնչեցրեք և աշխատեցեք պահել նրան մինչև իմ գալը։ Ես սովորաբար նույնիսկ ամենածանր րոպեներին կարողանում եմ զսպել նրան։
Այս սրտապնդիչ խոսքերով տիկինն ինձ հանձնեց լռակյաց Օստինի խնամակալությանը, որը մեր կարճ զրույցի ընթացքում կանգնել էր, ինչպես մեծագույն հանգստություն մարմնավորող բրոնզաձույլ արձան։ Նա ինձ առաջ տարավ։ Դռան թակոց, կատաղի ցուլի պատասխան մռնչյուն սենյակից, և ես դեմառդեմ կանգնած էի պրոֆեսորի առաջ։
Նա նստել էր գրքերով, քարտեզներով, դիագրամներով ծանրաբեռնված լայն սեղանի մոտ, պտտվող աթոռին։ Հենց որ ես ոտքս շեմքից ներս դրի, պտտվող աթոռը կտրուկ դարձավ դեպի ինձ։ Շունչս կանգ առավ այդ մարդու տեսքից։ Ես պատրաստ էի հանդիպելու ոչ բոլորովին սովորական անձնավորության, բայց այդպիսին մտքովս անգամ չէր անցել։ Ամենից շատ ինձ ապշեցրին նրա չափսերը։ Չափսերը և վեհապանծ կեցվածքը։ Կյանքումս նման վիթխարի գլուխ չէի տեսել։ Եթե ես հանդգնեի փորձել նրա ցիլիցնդրը, ապա, հավանորեն, մինչև ուսերս կթաղվեի դրա մեջ։ Պրոֆեսորի դեմքը և մորուքը ակամայից հիշեցնում էին ասորական ցուլերին։ Դեմքը խոշոր էր, մսոտ, մորուքը քառակուսի, կապտասև, որն ալիքաձև թափվում էր կրծքին։ Արտասովոր տպավորություն էին գործում նաև մազերը, որոնցից երկար մի փունջ ասես սոսնձված էր նրա լայն, թեք ճակատին։Գորշ կապտավուն պարզ աչքերը զննող, տիրական հայացքով նայում էին ինձ սև ու թավ հոնքերի տակից։ Ես տեսնում էի նրա լայն ուսերը, հուժկու, դուրս ընկած կուրծքը և սև, երկար, թանձր մազերով ծածկված երկու հսկայական ձեռքերը։ Եթե այս ամենին ավելացնենք որոտալից, ամպրոպանման ձայնը, ապա կհասկանաք, թե ինչպիսին էր իմ առաջին տպավորությունը նշանավոր պրոֆեսոր Չելենջերից։
― Դե՞, ― գրգռիչ տոնով դիմեց նա։ ― Ի՞նչ եք կամենում։
Ինր համար պարզ էր, որ եթե ամեն ինչ մեկեն խոստովանեմ, ինտերվյուն չի կայանա։
― Սըր, դուք այնքան բարի գտնվեցիք, որ համաձայնեցիկ ընդունել ինձ, ― խոնարհաբար սկսեցի ես ծրարը մեկնելով նրան։
Նա սեղանի տակից հանեց իմ նամակը և դրեց իր առաջ։
― Ա՜խ, դուք այն երիտասարդն եք, որ տարրական ճշմարտությունները չի՞ հասկանում։ Սակայն, որքան կարող եմ դատել, իմ ընդահնուր եզրակացությունները արժանացել են ձեր գովասանքին։
― Անշուշտ, սըր, անշուշտ։ ― Ես ջանացի իմ համոզմունքի ամբողջ ուժը դնել այդ խոսքերի մեջ։
― Ասացե՜ք խնդրեմ։ Ինչպե՜ս է այն ամրապնդում իմ դիրքերը․․․ Ձեր հասակը և արտաքինը կրկնակի արժեքավոր են դարձնում այդ պաշտպանությունը։ Դե ինչ, ավելի լավ է գործ ունենալ ձեզ հետ, քան թե այն խոզերի հոտի, որոնք Վիեննայում հարձակվեցին ինձ վրա, չնայած նրանց ճղճղոցն ավելի վիրավորական չէր, քան անգլիական վարազի խռնչյունը։ ― Եվ նա կատաղորեն փայլեցրեց աչքերը՝ մեկեն նմանվելով վերոհիշյալ ցեղի ներկայացուցչին։
― Նրանք կարծեմ, իրենց պահել են վրդովեցուցիչ կերպով, ― ասացի ես։
― Ձեր կարեկցանքն անտեղի է։ Համարձակվում եմ հավատացնել ձեզ, որ ես ինքս կարող եմ իմ թշնամիների հախից գալ։ Ջորջ Էդուարդ Չելենջերի մեջքը սեղմեք պատին, սըր, և դրանից ավելի մեծ ուրախություն չեք կարող պատճառել նրան։ Այսպես, ուրեմն, սըր, եկեք ամեն հնարավոր բան անենք, որպեսզի կարճենք ձեր այցելությունը։ Այդ բանը հազիվ թե երջանկացնի ձեզ, իսկ ինձ առավեկ ևս։ Որքան ես հասկանում եմ, դուք կամենում եք ձեր ինչ֊որ նկատառումներն արտահայտել այն թեզիսների առթիվ, որ ես իմ զեկուցման մեջ առաջ էի քաշել։
Նրա խոսելու եղանակի մեջ այնպիսի համարձակ անկեղծություն կար, որ խորամանկելը հեշտ չէր։ Բայց և այնպես որոշեցի ձգձգել այդ խաղը այն հաշվով, որպեսզի հնարավորություն ունենամ լավագույն քայլը կատարելու։ Հեռվից ամեն ինչ այնպե՜ս հասարակ էր թվում։ Օ՜, իմ իռլանդական հնարամտություն, մի՞թե դու ինձ չես օգնի այժմ, երբ ես ամենից շատ եմ քո կարիքն զգում։ Պողպատե աչքերի թափանցող հայացքն ինձ զրկում էր ուժերից։
― Դե, մի հարկադրեք սպասել ձեզ, ― թնդաց պրոֆեսորը։
― Ես, իհարկե, միայն նոր֊նոր եմ սկսում հաղորդակից լինել գիտությանը, ― ասացի ես ամենահիմար ժպիտով, ― և ավելի մեծ հավակնություն չունեմ, քան համեստ ուսումնասիրողի կոչումը։ Բայց և այնպես ինձ թվում է, թե այդ հարցում դուք ավելորդ խստություն եք հանդես բերել Վեյսմանի հանդեպ։ Մի՞թե այն ժամանակից մինչև հիմա ստացված ապացույցները չեն․․․ չեն ամրապնդում նրա դիրքերը։
― Ի՞նչ ապացույցներ, ― հարցրեց նա սպառնալից հանգստությամբ։
― Ինձ, իհարկե, հայտնի է, որ առայժմ ուղղակի ապացույցներ չկան։ Ես վկայում եմ, եթե կարելի է այսպես արտահայտվել, ժամանակակից գիտական մտքի ընդհանուր ընթացքը։
Պրոֆեսորը թեքվել էր սեղանին՝ կենտրոնացած հայացքը հառելով ինձ վրա։
― Պետք է որ ձեզ հայտնի լինի, ― ասաց նա, հերթով ծալելով ձախ ձեռքի մատները, ― որ, առաջին, գանգային ցուցիչը կայուն գործոն է։
― Անպայմա՛ն, ― պատասխանեցի ես։
― Եվ որ տելեգոնիան[7] առայժմ sub judice:[8]
― Անշուշտ։
― Եվ որ սաղմնային պլազման տարբերվում է պարտենոգենետիկ[9] ձվից։
― Ի՜նչ ասել կուզի, ― բացականչեցի ես՝ հիանալով սեփական հանդգնությամբ։
― Իսկ այդ ի՞նչ է ապացուցում, ― հարցրեց նա փափուկ, շողոքորթ ձայնով։
― Եվ իսկապես, ― ծամծմեցի ես, ― ի՞նչ է ապացուցում այդ։
― Ասե՞լ ձեզ, նույն շողոքորթ տոնով հարցրեց պրոֆեսորը։
― Բարի եղեք։
― Այդ ապացուցում է, ― անակնկալ ցասումով մռնչաց նա, ― որ ամբողջ Լոնդոնում ձեզ նման մի ուրիշ շառլատան չի գտնվի։ Դուք ստոր, անպատկառ մի ռեպորտյորիկ եք, որը նույնքան հեռավոր հասկացողություն ունի գիտության, որքան և մարդկային նվազագույն օրինավորության մասին։
Նա վեր թռավ աթոռից։ Նրա աչքերը վառվում էին խելահեղ չարությամբ։ Բայց և այնպես, անգամ այդ վտանգավոր րոպեին ես զարմացա տեսնելով, որ պրոֆեսոր Չելենջերը կարճահասակ է։ Նա իմ ուսերի բարձրությանն էր՝ մի տեսակ տափակեցրած Հերկուլես, որի կենսական ողջ հզորությունը ասես անցել էր ուսերի լայնքին, իրանի հաստությանը և խելքի ուժին։
― Ես ձեր առաջ անմտություններ դուրս տվի, սըր, ― բղավեց նա, ձեռքերը հենած սեղանին և վիզն առաջ պարզած։ ― Չտեսնված անհեթեթություններ։ Եվ ձեր խելքին փչեց չափվել ինձ հետ, դուք, որի ամբողջ ուղեղը վայրի ընկույզի չափ է։ Այս անիծյալ գրչակները ամենազոր են երևակայում իրենց։ Նրանք կարծում են, թե իրենց մի խոսքն իսկ հերիք է, որպեսզի բարձրացնեն մարդուն կամ ցեխին հավասարեցնեն։ Բոլորս պետք է խոնարհվենք նրանց առաջ՝ գովասանքներ աղերսելով։ Ահա սրան հարկ է հովանավորություն ցույց տալ, իսկ այս մեկին՝ ոչնչացնել․․․ Ես գիտեմ ձեր ստոր սովորությունները։ Արդեն շա՜տ բարձրից եք բռնում․․․ Մի ժամանակ համեստ էիք, իսկ այժմ կապներդ կտրել եք, ողորմելի դատարկաբաննե՛ր․․․ Ես ձեզ ձեր տեղը ցույց կտամ։ Այո, սըր Ջորջ Էդուարդ Չելենջերը ձեր ընկերը չէ։ Այդ մարդը թույլ չի տա իրեն հրամայել։ Նա զգուշացրեց ձեզ, բայց եթե այնուամենայնիվ դուք խցկվում եք նրա մոտ, ինքներդ ձեզ մեղադրեցեք։ Անձնատո՛ւր եղեք, սիրելի պարոն Մելոուն, անձնատուր։ Դուք վտանգավոր խաղ սկսեցիք, և ըստ իս, տանուլ տվիք։
― Լսեցեք, սըր, ասացի ես, ետ֊ետ գնալով դեպի դուռը և բանալով այն, ― դուք կարող եք հայհոյել, որքան սրտներդ ուզի, բան ամեն բան իր սահմանն ունի։ Ես թույլ չեմ տա բռունցքներով հարձակվել ինձ վրա։
― Ա՛խ, թույլ չե՞ք տա։ Նա սկսեց դանդաղ, սպառնալից տեսքով առաջ գալ, հետո հանկարծ կանգ առավ և հսկայական ձեռքերը դրեց կարճ բաճկոնակի գրպանները, որն ավելի շատ կսազեր փոքրիկ տղայի, քան տարեց մի մարդու։ Առաջին անգամը չէ, որ պիտի դուրս շպրտեմ ձեզ նման սուբյեկտին։ Դուք հաշվով չորրորդն եք կամ հինգերորդը։ Յուրաքանչյուրի համար միջին հաշվով երեք ֆունտ տասնհինգ շիլինգ տուգանք է վճարված։ Թանկ է, բայց, ինչ արած՝ անհրաժեշտություն է։ Իսկ այժմ, սըր, ինչո՞ւ դուք էլ ձեր կոլեգաների հետքերով չգնաք։ Ես անձամբ կարծում եմ, որ դա անխուսափելի է։
Նա նորից սկսեց ինձ համար խիստ տհաճ իր հարձակումը՝ ոտքի թաթերը դուրս դնելով, ինչպես պարերի իսկական դասատու։
Ես կարող էի շեշտակի թափով դուրս նետվել, բայց այդպիսի փախուստը համարում էի ամոթալի։ Բացի դրանից, սրտումս արդեն սկսեց բռնկվել արդար զայրույթը։ Մինչ այդ պահը իմ վարմունքը վերին աստիճանի դատապարտելի էր, բայց այդ մարդու սպառնալիքները մեկեն վերադարձրին սեփական իրավացիությանս զգացումը։
― Ձեռքներդ հեռու, սըր, ես այդ չեմ հանդուրժի։
― Ասացե՜ք խնդրեմ։ ― Նրա սև բեղերը վերև թռան, չարախնդորեն վերև բացված շրթունքների միջից փայլեցին շլացուցիչ, սպիտակ ժանիքները։ ― Ուրեմն չե՞ք հանդուրժի։
― Հիմար մի՛ ձևանաք, պրոֆեսոր, ― գոչեցի ես։ ― Ինչի՞ վրա եք հույս դնում։ Իմ քաշը երկու հարյուր ֆունտից ավելի է։ Ես երկաթի պես ամուր եմ և ամեն կիրակի ռեգբի եմ խաղում իռլանդական հավաքական թիմում։ Դուք ինձ հետ չեք կարող․․․
Բայց այդ րոպեին նա նետվեց ինձ վրա։ Բարեբախտաբար, ես արդեն բացել էի դուռը, թե չէ նրանից միայն տաշեղներ մնացած կլինեին։ Մենք անիվի պես գլորվեցինք ամբողջ միջանցքով մեկ՝ ինչ որ կերպ ճամփին մի աթոռ քարշ տալով հետներս։ Պրոֆեսորի մորուքը փակել էր ամբողջ բերանս, մենք սեղմում էինք մինյաց, մեր մարմիններն ամուր հյուսվել էին իրար, իսկ անիծյալ աթոռի ոտքերը շարունակ պտտվում էին մեր գլխին։ Արթուն Օստինը լայն բացեց մուտքի դուռը։ Մենք գլուխկոնծի տվինք աստիճաններով ցած։ Ես տեսել էի, թե ինչպես Մեք եղբայրները մի այդպիսի բան կատարում էին մյուզիկ֊հոլլում, բայց, հավանորեն, նման ատրակցիոնը պահանջում է որոշ պրակտիկա, այլապես առանց խեղանդամության գլուխ չես հանի։ Զարկվելով վերջին աստիճանին՝ աթոռը կտոր֊կտոր եղավ, իսկ մենք, արդեն իրարից անջատ, գլորվեցինք կեղտաջրի առուն։ Պրոֆեսորը թռավ ոտքի՝ բռունցքները թափահարելով և խռխռացնելով, ինչպես ասթմայով տառապող մարդ։
― Հերի՞ք է, ― բղավեց նա, հազիվ շունչը ետ բերելով։
― Խուլիգա՛ն, ― պատասխանեցի ես և դժվարությամբ վեր կացա տեղիցս։
Քիչ մնաց նորից իրար հասնեինք, քանի որ պրոֆեսորի մարտական շունչը դեռ չէր մարել, բայց ճակատագիրն ազատեց ինձ այդ հիմար վիճակից։ Բլոկնոտը ձեռքին մեր կողքին հայտնվեց ոստիկանը։
― Այս ի՞նչ է նշանակում։ Ինչպես չեք ամաչում, ― ասաց նա։ Այդ ամենաողջամիտ խոսքն էր, որ ես այդ օրը լսեցի Էնմոր֊Պարկում։ ― Դե, ― դիմեց ինձ ոստիկանը, ― բացատրեցեք, թե այս ի՞նչ է նշանակում։
― Առաջ նա հարձակվեց ինձ վրա, ― ասացի ես։
― Ճի՞շտ է, որ առաջ դուք հարձակվեցիք, ― հարցրեց ոստիկանը։
Պրոֆեսորը ի պատասխան միայն ֆսֆսացնում էր։
― Այս արդեն քանիերորդ դեպքն է, ― ասաց ոստիկանը գլուխը խստորեն տարուբերելով։ ― Անցյալ ամիս էլ դուք անախորժություններ ունեցաք ճիշտ այսպիսի առիթով։ Երիտասարդի աչքը վնասված է։ Դուք մեղադրանք ներկայացնո՞ւմ եք, նրան, սըր։
Հանկարծ ես մեղմացա։
― Ո՛չ, չեմ ներկայացնում։
― Ինչո՞ւ, ― հարցրեց ոստիկանը։
― Այստեղ ես էլ եմ մեղավոր։ Ինքս խնդրեցի ընդունել։ Նա ազնվորեն նախազգուշացրեց ինձ։
Ոստիկանը փակեց բլոկնոտը։
― Որպեսզի այս այլանդակություններն այլևս չկրկնվեն, ― ասաց նա։ ― Դե լավ։ Ցրվեցե՜ք, ցրվեցե՜ք։
Դա վերաբերում էր մսի խանութի տղային, մի աղախնի և երկու֊երեք պարապ֊սարապների, որոնք արդեն հավաքվել էին մեր շուրջը։ Ոստիկանը քայլեց մայթով, այդ փոքրիկ հոտը առաջն արած։ Պրոֆեսորը նայեց ինձ, և նրա աչքերում մի ուրախ կայծ շողաց։
― Ներս եկեք, ― ասաց նա։ ― Ես դեռ ասելիքս չեմ վերջացրել ձեզ հետ։
Չնայած այդ խոսքերը չարագուշակ հնչեցին, բայց ես հետևեցի նրան։ Օստինը, որ նման էր փայտե աստծու, դուռը ծածկեց մեր ետևից։
Գլուխ IV «Մեծագույն հայտնագործությունը աշխարհում»
Հազիվ էր դուռը մեր ետևից փակվել, երբ սեղանատնից դուրս վազեց միսիս Չելենջերը։ Այդ փոքրիկ կինը բարկությունից իրեն կորցրել էր։ Նա կանգնեց ամուսնու առաջ, ինչպես գրգռված թուխս, որը կրծքով է դիմավորում բուլդոգին։ Ինչպես երևում է, միսիս Չելենջերն ականատես էր եղել իմ դուրս վռնդվելուն, բայց իմ վերադարձը չէր նկատել։
― Ջո՛րջ, այդ ի՜նչ գազանություն է, ― ծղրտաց նա։ ― Դու հաշմանդամ դարձրիր այն սիրելի պատանուն։
― Ահա նա՝ ողջ և առորղջ։
Միսիս Չելենջերը շփոթվեց, բայց արագ տիըապետեց իրեն։
― Ներեցեք, ես ձեզ չնկատեցի։
― Մի անհանգստացեք, տիկին, ոչ մի սարսափելի բան չի պատահել։
― Բայց նա ձեր աչքի տակը կապտացրել է։ Ի՜նչ խայտառակություն․․․ Մեզ մոտ շաբաթ չի անցնում առանց սկանդալի։ Ջո՛րջ, բոլորը քեզ ատում են, չարախնդում քեզ վրա։ Ո՛չ, համբերությունս վերջացավ։ Սա էլ արդեն բաժակը լցրեց։
― Կեղտոտ սպիտակեղենը մի՛ խառնշտորի մարդկանց մոտ, ― թնդաց պրոֆեսորը։
― Ո՛չ ոքի համար այդ գաղտնիք չէ, ― ճչաց կինը։ ― Մի՞թե դու կարծում ես, թե այս բաները մեր ամբողջ փողոցին, ի՜նչ եմ ասում՝ ամբողջ Լոնդոնին հայտնի չեն․․․ Օստին, դուք մեզ հարկավոր չեք, կարող եք գնալ։ Բոլորը, ովքեր չեն ծուլանում, բամբասում են քեզ։ Դու մոռանում ես սեփական արժանապատվության մասին։ Դու, որ պետք է պրոֆեսոր լինեիր մի մեծ համալսարանում, ուսանողների հարգանքը վայելեիր։ Ո՞ւ ր է քո արժանապատվությունըմ Ջո՛րջ։
― Իսկ քո՞նը որտեղ է, թանկագինս։
― Աստված գիտե, թե ուր հասցրիր դու ինձ։ Խուլիգան, հայտնի խուլիգան։ Ահա թե ինչ ես դարձել դու։
― Ջեսսի, ուշքի եկ։
― Անզուսպ սկանդալիստ։
― Բավական՛ն է։ Այդպիսի խոսքերի համար հարկավոր է խայտառակության սյունին բարձրացնել, ― ասաց պրոֆեսորը։
Եվ, ի մեծ զարմանս իմ, նա կռացավ, բարձրացրեց կնոջը և դրեց հոլլի անկյունում կանգնած սև մարմարե բարձր պատվանդանին։ Այդ պատվանդանը, որն առնվազն յոթ ոթնաչափ բարձրություն ուներ, այնքան նեղ էր, որ միսիս Չելենջերը հազիվ էր իրեն պահում նրա վրա։ Դժվար էր ավելի անհեթեթ տեսարան պատկերացնել․ վախենալով ցած գլորվելուց՝ կինը ասես քարացել էր զայրույթից աղճատված դեմքով և հազիվ միայն ոտքերն էր ցնցում։
― Իջեցրու, ― վերջապես աղաչեց միսիս Չելենջերը։
― Ասա՝ «խնդրում եմ»։
― Սա խայտառակություն է, Ջորջ։ Ա՛յս րոպեիս իջեցրու ինձ։
― Միստր Մելոուն, գնանք իմ կաբինետը։
― Բայց ներեցեք, սըր․․․ ― ասացի ես՝ նայելով նրա կնոջը։
― Լսո՞ւմ ես Ջեսսի։ Միստր Մելոունը միջնորդում է քեզ համար։ Ասա՛ «խնդրում եմ», այն ժամանակ կիջեցնեմ։
― Խայտառակություն։ Դե, խնդրում եմ, խնդրում եմ։
Չելենջերն այնպիսի թեթևությամբ ցած բերեց կնոջը, ասես թե նա դեղձանիկից ծանր չէր։
― Քեզ կարգին պահիր, թանկագինս։ Միստր Մելոունը մամուլի ներկայացուցիչ է։ Վաղն ևեթ նա այս ամենը կխցկի իր ողորմելի թերթուկի մեջ և տիրաժի մեծ մասը կվաճառի մեր հարևաններին։ «Մի բարձրաստիճան անձի տարօրինակ քմայքները»։ Բարձրաստիճան անձը՝ դու ես, Ջեսսի․ հիշիր, թե մի քանի րոպե առաջ որտեղ էի կանգնեցրել քեզ։ Հետո գալիս է ենթավերնագիրը․ «Մի օրիգինալ ամուսնական զույգի կյանքից»։ Այս միստր Մելոունը ոչնչից չի խորշում, նա էլ իր գրչակիցների նման սնվում է լեշով․ porcus ex grege diaboli ― սատանայի հոտի խոզ է։ Ճի՞շտ եմ ասում, միստր Մելոուն։
― Դուք իսկապես որ անտանելի եք, ― վրդովված ասացի ես։
Պրոֆեսորը քրքրջաց։
― Խնդրեմ, երկուսով միացեք իմ դեմ, ― որոտաց նա՝ դուրս ցցելով իր հզոր կուրծքը և նայելով մերթ իմ կողմը, մերթ կնոջ։ Հետո արդեն բոլորովին այլ տոնով ավելացրեց, ― միստր Մելոուն, ներեցեք մեզ այս անմեղ ընտանեկան զվարճությունները։ Ես ձեզ առաջարկեցի վերադառնալ ամենևին էլ ոչ նրա համար, որպեսզի մասնակից դարձնեմ անվնաս վեճերին։ Դե, տիկին, մարշ այստեղից և առանց բարկության, խնդրում եմ։ ― Նա իր վիթխարի ձեռքերը դրեց կնոջ ուսերին։ ― Դու իրավացի ես, ինչպես միշտ։ Եթե Ջորջ Էդուարդ Չելենջերը լսեր քո խորհուրդները, շատ ավելի հարգարժան մարդ կլիներ, միայն թե ինքը չէր լինի։ Հարգարժան մարդիկ շատ կան, թանկագինս, իսկ Ջորջ Էդուարդ Չելենջերը միակն է աշխարհում։ Այնպես որ ջանա մի կերպ յոլա գնալ նրա հետ։ ― Նա հնչյուն համբույր դրոշմեց կնոջ երեսին, որն ինձ շատ ավելի շփոթեց, քան նրա վայրի արարքները։ ― Իսկ հիմա, միստր Մելոուն, ― շարունակեց պրոֆեսորը՝ նորից վեհաշուք տեսք ընդունելով, ― բարի եղեք այստեղ գալաու։
Մենք ներս մտանք նույն սենյակը, որտեղից տասը րոպե առաջ այնպիսի դղրդոցով դուրս էինք թռել։ Պրոֆեսորն իր ետևից ուշադիր ծածկեց դուռը, ինձ նստեցրեց բազկաթոռին և սիգարի տուփը առաջս դրեց։
― Իսկական «Սան֊Խուան Կոլորադո» է, ― ասաց նա։ ― Ձեզ նման հեշտ գրգռվող մարդկանց վրա նարկոտիկները լավ են ներգործում։ Աստվա՜ծ իմ, ո՞վ է ծայրը կծում։ Կտրեցե՛ք։ Պետք է հարգանք ունենալ սիգարի նկատմամբ։ Իսկ այժմ ետ ընկեք բազկաթոռի թիկնակին և ուշադիր լսեք այն ամենը, ինչ որ կբարեհաճեմ ասել ձեզ։ Եթե հարցեր կունենաք, ջանացեք հետաձգել ավելի հարմար ժամանակի։ Ամենից առաջ՝ ձեր վերադարձի մասին իմ տուն՝ միանգամայն արդարացի արտաքսումից հետո։ ― Նա մորուքն առաջ ցցեց և հայացքը հառեց ինձ վրա այնպես, ասես սպասում էր, թե ես նորից վեճի կբռնվեմ։ ― Եվ այսպես, կրկնում եմ՝ ձեր միանգամայն արդարացի արտաքսումից հետո ինչո՞ւ ես ձեզ հրավիրեցի վերադառնալ։ Որովհետև ինձ դուր եկավ այն լիրբ ոստիկանին տված ձեր պատասխանը, որի մեջ նկատեցի օրինավորության որոշ նշույլներ, որ հատուկ չէ ձեր մասնագիտության ներկայացուցիչներին։ Ընդունելով, որ մեղքը ձերն է, դուք հանդես բերեցիք որոշ օբյեկտիվություն և հայացքնեի լայնություն, որոնք արժանացան իմ բարեհաճ ուշադրությանը։ Մարդկային ցեղի ստորին ներկայացուցիչները, որոնց թվին, դժբախտաբար, պատկանում եք նաև դուք, միշտ դուրս են գտնվել իմ մտավոր տեսադաշտից։ Ոստիկանին տված ձեր պատասխանը մեկեն ձեզ իմ տեսադաշտի մեջ առավ։ Ես ուզեցի ավելի մոտ ծանոթանալ ձեզ և առաջարկեցի վերադառնալ։ Բարի եղեք մոխիրը թափ տալ ճապոնական մոխրամանի մեջ, որ դրված է ձեր կողքի բամբուկե սեղանին։
Այդ ամենը պրոֆեսորը վրա տվեց առանց դադարի, ասես ուսանողներին դասախոսություն էր կարդում։ Նա նստել էր դեմքով դեպի ինձ, փքված, ինչպես վիթխարի դոդոշ, գլուխը ետ էր գցել, աչքերը կկոցել ամբարտավանորեն։ Հանկարծ նա դարձավ ինձ կողքանց, այնպես որ ես տեսնում էի միայն նրա մազափուջը, որը կախվել էր դուրս ընկած կարմիր ականջի վրա, խառնշտորեց սեղանի վրա թափված թղթերի կույտը և այնտեղից դուրս հանեց ինչ֊որ խիստ քրքրված մի գրքույկ։
― Ես ուզում եմ որոշ բաներ պատմել ձեզ Հարավային Ամերիկայի մասին, ― սկսեց նա։ ― Ձեր դիտողությունները կարող եք պահել ձեզ։ Ամենից առաջ բարի եղեք հիշել․ այն, ինչ որ հիմա կլսեք, արգելում եմ հրապարակել ինչ ձևով ուզում է լինի, մինչև որ համապատսխան թույլտվություն չստանաք ինձանից։ Ամենայն հավանականությամբ, այդ թույլտվությունը երբեք չի տրվի։ Հասկանալի՞ է։
― Ինչի՞ համար է այդպիսի չափից դուրս խստությունը, ― ասացի ես։ ― Ըստ իս, անաչառ շարադրումը․․․
Նա գրքույկը դրեց սեղանին։
― Այլևս խոսելիք չունենք։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ։
― Ո՛չ, ո՛չ, համաձայն եմ ամեն մի պայմանի, ― բացականչեցի ես։ ― Չէ՞ որ ես ընտրություն կատարել չեմ կարող։
― Ընտրության մասին խոսք անգամ լինել չի կարող, ― հաստատեց նա։
― Այդ դեպքում խոստանում եմ լռել։
― Ազնիվ խո՞սք։
Նա չափեց ինձ լկտի ու անվստահ հայացքով։
― Իսկ ի՞նչ գիտեմ, թե ինչպիսին են ազնվության մասին ձեր հասկացողությունները։
― Դե, գիտե՛ք, սըր, ― զայրացա ես, ― դուք չափազանց շատ բան եք թույլ տալիս ձեզ։ Ես դեռևս այդպիսի վիրավորանքներ չեմ լսել։
Իմ բորբոքվելը նրան հավասարակշռությունից չհանեց, այլ, ընդհակառակը, նույնիսկ հետաքրքրեց։
― Կարճագլուխ տիպ, ― շշնջաց նա։ ― Բրախիցեֆալ, [10] գորշ աչքեր, սև մազեր, նեգրոիդի որոշ գծեր․․․ Դուք, հավանորեն, կե՞լտ[11] եք։
― Ես իռլանդացի եմ, սըր։
― Զտարյո՞ւն։
― Այո, սըր։
― Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Այսպես, ուրեմն, դուք խոստացաք գաղտնի պահել այն տեղեկությունները, որ կհաղորդեմ ձեզ։ Այդ տեղեկությունները, անշուշտ, խիստ ժլատ են։ Սակայն որոշ հետաքրքիր տվյալներ կհայտնեմ։ Դուք, հավանորեն, գիտեք, որ երկու տարի առաջ ես ճանապարհորդություն կատարեցի Հարավային Ամերիկայում՝ մի ճանապարհորդություն, որը կմտնի համաշխարհային գիտության ոսկե ֆոնդի մեջ։ Իմ նպատակն էր ստուգել Ուոլլեսի[12] և Բեյթսի[13] որոշ եզրակացությունները, իսկ այդ կարելի էր անել միայն տեղում, նույն պայմաններում, որոնցում նրանք արել էին իրենց դիտողությունները։ Եթե իմ ճանապարհորդության արդյունքները միայն դրանով էլ սահմանափակվեին, միևնույն է, արժանի կլինեին ամենայն ուշադրության, սակայն տեղի ունեցավ մի չնախատեսված հանգամանք, որը հարկադրեց ինձ իմ հետազոտություններն ուղղել միանգամայն նոր ճանապարհով։
Երևի ձեզ հայտնի է, ― սակայն ով գիտե, տգիտության մեր դարում ոչ մի բան զարմանալի չէ, ― որ որոշ տեղեր, որոնցով հոսում է Ամազոն գետը, լրիվ ուսումնասիրված չեն, և որ նրա մեջ թափվում են բազմաթիվ վտակներ, որոնք մինչև այժմ քարտեզի վրա չեն անցկացված։ Ահա ես էլ իմ առաջ խնդիր դրի այցելել այդ սակավ հայտնի վայրերը և հետազոտել նրանց ֆաունան։ Այնքան նյութ հավաքեցի, որ հերիք կանի մի քանի գլուխ ավելացնելու այն վիթխարի, մոնումենտալ կենդանաբանական աշխատությանը, որը կծառայի իբրև իմ ողջ կյանքի արդարացումը։ Ավարտելով էքսպոզիցիան, վերադառնում էի տուն։ Մի անգամ հարկ եղավ գիշերելու հնդկական մի փոքրիկ ավանում, ոչ հեռու այնտեղից, ուր Ամազոն է թափվում նրա վտակներից մեկը․ այդ վտակի անվան և աշխարհագրական դիրքի մասին լռում եմ։ Ավանում ապրում էին կուկամա ցեղի հնդկացիներ՝ խաղաղ, բայց արդեն այլասերվող մի ժողովուրդ, որի մտավոր մակարդակը հազիվ թե միջին լոնդոնցու մակարդակից բարձր լինի։ Դեռևս իմ առաջին այցելության ժամանակ, երբ բարձրանում էի գետն ի վեր, ես բուժեցի տեղացի մի քանի բնակիչների և ընդհանրապես ուժեղ տպավորություն գործեցի հնդկացիների վրա, ուստի զարմանալի չէ, որ ինձ սպասում էին այնտեղ։ Նրանք իսկույն սկսեցին նշաններով հասկացնել, որ ավանում իմ օգնության կարիքն զգացող մի մարդ կա։ Ես նրանց առաջնորդի ետևից մտա մի խրճիթ։ Ներս մտնելով, համոզվեցի, որ օգնության կարիք զգացող հիվանդը հենց նոր հոգին ավանդել էր։ Ի զարմանս իմ, նա ոչ թե հնդկացի էր, այլ սպիտակ, ամենասպիտակ սպիտակը, եթե կարելի է այդպես արտահայտվել, որովհետև նա ուներ բոլորովին շեկ մազեր և ալբինոսի[14] բոլոր նշանները։ Հագուստից միայն ծվեններ էին մնացել, սարսափելի նիհար մարմինը վկայում էր երկարատև զրկանքների մասին։ Որքան կարողացա հնդկացիներին հասկանալ, նրանք առաջ երբեք այդ մարդուն չէին տեսել․ նա ավան էր եկել անտառից, մենակ, առանց ուղեկիցների, և թուլությունից հազիվ էր ոտքի վրա մնում։ Անծանոթի իրերի պարկը դրված էր նրա կողքին։ Ստուգեցի նրա պարունակությունը։ Ներսի կողմից կարած էր մի պիտակ՝ պարկի տիրոջ անվամբ և հասցեով․ «Մեպլ֊Ուայտ, Լեկլավենյու, Դետրոյթ, Միչիգանի նահանգ»։ Ես միշտ պատրստ եմ այդ անվան առաջ գլուխս խոնարհել։ Չափազանցություն չի լինի ասել, որ երբ իմ կատարած հայտնագործության կարևորությունը ընդհանուր ճանաչում գտնի, նրա անունը կդրվի իմ անվան կողքին։
Պարկի պարունակությունը պարզ ասում էր, Մեպլ֊Ուայտը նկարիչ էր ու բանաստեղծ․ նա ճանապարհրորդում էր նոր ու վառ տպավորություններ գտնելու նպատակով։ Պարկի մեջ պահպանվել էին նրա բանաստեղծությունների սևագրերը։ Ես ինձ գիտակ չեմ համարում այդ բնագավառում, բայց կարծում եմ, որ բանաստեղծությունները մի առանձին բանի նման չէին։ Բացի դրանից պարկում գտա բավական միջակ գետային պեյզաժներ, ներկերով լի մի արկղ, մի տուփ ներկամատիտ, վրձիններ, ահա այս ծռված ոսկորը, որ դրված է թանաքամանին, Բեքստերի մի հատորը՝ «Թիթեռներ», էժանագին մի ատրճանակ և մի քանի փամփուշտ։ Անձնական գործածության իրերը նա, հավանորեն կորցրել էր իր թափառումների ժամանակ կամ գուցե բոլորովին էլ չէր ունեցել։ Ամերիկյան բոհեմայի այդ տարօրինակ ներկայացուցիչը ուրիշ ոչինչ չուներ։
Արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ հանկարծ նկատեցի, որ մի բան դուրս է ցցվել նրա պատառոտված բաճկոնակի գրպանից։ Դա Էտյուդների ալբոմ էր՝ ահա, դրված է ձեր առջև, և նույնպես քրքրված է, ինչպես այն ժամանակ։ Կարող եք համոզված լինել, որ այն օրից, ինչ այս մասունքը ընկել է իմ ձեռքը, ես սրա նկատմամբ նվազ երկյուղածություն չունեմ, քան կունենայի Շեքսպիրի առաջին հրատարակության նկատմամբ։ Այժմ այս ալբոմը հանձնում եմ ձեզ և խնդրում եմ էջ առ էջ նայել, թափանցելով նկարների էության մեջ։
Նա ծխեց իր սիգարը, ետ ընկավ աթոռի թիկնակին և, առանց իմ դեմքից կատաղի ու միաժամանակ փորձող հայացքը հեռացնելու՝ սկսեց հետևել, թե ինչ տպավորություն կթողնեն ինձ վրա այդ նկարները։
Բաց արի ալբոմը, սպասելով ինչ֊որ հայտնություններ գտնել՝ թե ինչպիսին, ինձ համար էլ պարզ չէր։ Սակայն առաջին էջը հիասթափեցրեց, որովհետև այնտեղ նկարված էր ծովայինի բաճկոնակ հագած հաղթանդամ մի երիտասարդ, իսկ նկարի տակ գրված էր․ «Ջիմմի Կոլվերը փոստային շոգենավի վրա»։ Այնուհետև գալիս էին մի քանի մանր ժանրային ճեպանկարներ հնդկացիների կյանքից։ Հետո մի նկար, ուր պատկերված էր հոգևոր դասի բարեհոգի մի հաստլիկ՝ լայնեզր գլխարկով, սեղանի մոտ նստած մի շատ նիհար եվրոպացու ընկերակցությամբ։ Մակագրությունը բացատրում էր․ «Նախաճաշ Ռոսարիոյում ֆրա Քրիսֆերոյի հետ»։ Հետևյալ էջերը լցված էին կանացի ու մանկական գլուխներով, որոնց հաջորդում էր կենդանիների նկարների ամբողջ մի սերիա այսպիսի մակագրություններով․ «Ծովային կով ավազե ծանծաղուտում», «Կրիաներ և կրիաների ձվեր», «Սև ագուտին[15] արմավենու տակ», ― ագուտին խիստ նման էր դուրս եկել խոզի, ― և, վերջապես, հետևյալ երկու էջերը զբաղեցնում էին ինչ֊որ խիստ նողկալի երկարաքիթ թեփամորթների ճեպանկարները։ Չգիտեի ինչ մտածել այդ բոլորի մասին, ուստի բացատրությունների համար դիմեցի պրոֆեսորին․
― Սրանք, հավանորեն, կոկորդիլոսնե՞ր են։
― Ալիգատորնե՛ր են, ալիգատորնե՛ր։ Հարավային Ամերիկայում իսկական կոկորդիլոսներ չկան։ Մեկ և մյուս տեսակի միջև եղած տարբերությունը այն է․․․
― Ուզում եմ ասել միայն, որ մի առանձին բան չեմ տեսնում այստեղ, ո՛չ մի այնպիսի բան, որը հաստատեր ձեր խոսքերը։
Նա անխռով ժպիտով պատասխանեց․
― Մի էջ ևս շուռ տվեք։
Բայց հետևյալ էջն էլ ոչ մի բանում չհամոզեց ինձ։ Դա ջրաներկով հազիվ նշված մի պեյզաժ էր, մեկն այն անավարտ էտյուդներից, որոնք ծառայում են նկարչի համար իբրև ապագա թեմայի ավելի մանրակրկիտ մշակման նմուշներ միայն։ Էտյուդի առջևի պլանը գրավել էին գունատ կանաչավուն փետրատերև բույսեր, որոնք վեր էին բարձրանում զառիվայրով։ Վերջինս անցնում էր մուգ կարմրագույն կողավոր ապառաժների գծին, որոնք նման էին բազալտե կազմավորությունների։ Հետին պլանում այդ ապառաժները կանգնած էին համատարած պարսպով։ Աջ կողմում բարձրանում էր բրգաձև մի ժայռ, որը ըստ երևույթին հիմնական լեռնապարից անջատված էր խոր ծերպով։ Ժայռի գագաթը պսակում էր մի վիթխարի ծառ։ Այդ բոլորի վերևում շողում էր արևադարձային կապույտ երկինքը։ Կանաչի մի բարակ շերտիկ երիզում էր կարմիր ապառաժների բարձունքները։ Հետևյալ էջում տեսա նույն պեյզաժի էլի մի ջրաներկ ճեպանկար, որ արված էր ավելի մոտ տարածությունից, այնպես որ մասերն ավելի հստակ էին երևում։
― Դե՞հ, ― ասաց պրոֆեսորը։
― Իրոք որ շատ հետաքրքրական կազմավորություն է, ― պատասխանեցի ես, ― բայց դժվարանում եմ դատել, թե որքան բացառիկ է․ չէ՞ որ ես երկրաբան չեմ։
― Բացառի՞կ, ― կրկնեց նա։ ― Ախր սա իր տեսակի մեջ միակ լանդշաֆտն է։ Սա թվում է անհավանական։ Այպիսի բան նույնիսկ երազում չի կարող երևալ։ Շուռ տվեք էջը։
Ես շուռ տվի և չկարողացա զարմանքի բացականչությունս զսպել։ Ալբոմի էջից ինձ էր նայում ինչ֊որ անսովոր արարած։ Այդպիսի հրեշ կարող էր պատկերվել միայն ափիոն ծխողի տեսիլքներում կամ ջերմախտով տառապող հիվանդի զառանցանքի մեջ։ Նրա գլուխը թռչունի էր, մարմինը՝ ինչպես չափից դուրս փքված խլեզի մարմին, գետով քարշ եկող պոչը փշաքաղվել էր սուր ասեղներով, իսկ կորացած մեջքը ծածկված էր բարձր փշերով, որոնք նման էին աքաղաղի կատարի։ Այդ արարածի դեմ կանգնել էր մի փոքրիկ մարդուկ, համարյա թզուկ։
― Դե, ի՞նչ կասեք, ― բացականչեց պրոֆեսորը՝ հաղթական տեսքով շփելով ձեռքերը։
― Սա ինչ֊որ հրեշավոր բան է, ինչ֊որ գրոտեսկ։
― Իսկ ի՞նչն է ստիպել նկարչին այդպիսի գազան նկարելու։
― Կարծում եմ՝ ջինի պատկառելի քանակությունը։
― Ավելի լավ բացատրություն չե՞ք կարող մտածել։
― Լավ, սըր, իսկ դուք ինքներդ ինչպե՞ս եք բացատրում։
― Շատ հասարակ․ այդպիսի կենդանի գոյություն ունի։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ նկարն արված է բնականից։
Ես չքրքջացի միայն նրա համար, որ ժամանակին հիշեցի, թե ինչպես էինք անիվի նման գլորվում ամբողջ միջանցքով։
― Անկասկած, անկասկած, ― ասացի ես այն հաճոյակատարությամբ, որը սովորաբար շռայլում են տկարամիտների հետ զրուցելիս։ ― Միայն թե ինձ մի փոքր շփոթեցնում է մարդկային այս փոքրիկ կերպարանքը։ Եթե այստեղ հնդկացի նկարված լիներ, կարելի էր մտածել, թե Ամերիկայում գոյություն ունի թզուկների ինչ֊որ ցեղ, բայց սա եվրոպացի է, գլխին խցանե կորդակ ունի։
Պրոֆեսորը փնչացրեց, ինչպես կատաղած ցուլ։
― Դուք հարստացնում եք ինձ փորձով, ― գոչեց նա։ Մարդկային բթամտության սահմանները շատ ավելի լայն են, քան ես կարծում էի։ Դուք մտավոր լճացում եք ապրում։ Ապշեցուցի՜չ է։
Այդ բռնկումն այնքան ահեթեթ էր, որ նույնիսկ չբարկացրեց ինձ։ Եվ մի՞թե արժեր դատարկ տեղը ջղեր մաշել։ Եթե բարկանալու լինեիր այդ մարդու վրա, ուրեմն ամեն րոպե, նրա յուրաքանչյուր խոսքի համար պիտի զայրանայիր։ Ես սահմանափակվեցի հոգնած ժպիտով։
― Ինձ ապշեցրին այս թզուկի չափերը, ― ասացի ես։
― Հապա մի նայեցե՜ք, ― բղավեց պրոֆեսորը՝ առաջ թեքվելով և մազմզոտ, նրբերշիկի պես հաստ մատը տնկելով ալբոմի էջին։ ― Տեսնո՞ւմ եք ահա այս բույսը կենդանու ետևում։ Դուք հավանորեն, խլածաղկի տեղ ընդունեցիք սա կամ կամ բրուսելյան կաղամբի, ճի՞շտ է։ Ո՛չ պարոն, սա հարավամերիկյան արմավենի է, որը կոչվում է «փղոսկր» և որի բարձրությունը հասնում է հիսուն֊վաթսուն ոտնաչափի։ Մի՞թե չեք հասկանում, որ մարդկային ֆիգուրան իզուր չի նկարված այստեղ։ Նկարիչը չէր կարող ողջ մնալ՝ դեմ առ դեմ հանդիպելով այսպիսի գազանի, ո՜ւր մնաց թե նկարեր։ Նա իրեն նկարել է միայն նրա համար, որպեսզի պատկերացում տա մասշտաբների տարբերության մասին։ Նրա հասակը եղել է․․․ Դե, ասենք, հինգ ոտնաչափից մի քիչ ավելի։ Ծառը, ինչպես և պետք էր սպասել, տասն անգամ ավելի բարձր է։
― Տե՜ր աստված, բացականչեցի ես։ ― Ուրեմն, դուք կարծում եք, թե այս արարածը․․․ Ախր եթե սրան բույն փնտրելու լինենք, Չարինգ֊Կրոսս կայարանն էլ փոքր կլինի․․․
― Այդ իհարկե չափազանցություն է, բայց իրոք խոշոր օրինակ է, ― հպարտությամբ ասաց պրոֆեսորը։
― Բայց հո չի՛ կարելի, ― բացականչեցի ես, ― հո չի՛ կարելի մի նկարի հիման վրա դեն նետել մարդկային ցեղի ամբողջ փորձը։ ― Ես թերթեցի մնացած էջերը և համոզվեցի, որ ալբոմի մեջ ուրիշ ոչինչ չկա։ ― Մի միակ նկար ինչ֊որ թափառաշրջիկ նկարչի, որը կարող էր այդ անել հաշիշ ծխելով կամ ջերմախտի տենդում, և կամ պարզապես ի հաճույս իր հիվանդագին երևակայության։ Դուք, իբրև գիտության մարդ, չեք կարող այդպիսի տեսակետ պաշտպանել։
Պատասխանի փոխարեն պրոֆեսորը գրադարակից ինչ֊որ գիրք վերցրեց։
― Ահա իմ տաղանդավոր բարեկամ Ռեյ Լանկաստերի փայլուն մենագրությունը, ― ասաց նա։ Այստեղ մի իլյուստրացիա կա, որ ձեզ անհետաքրքիր չի թվա։ Հըմ։ Ահա այն։ Կարդացեք մակագրությունը․ «Յուրայան շրջանի՝[16] դինոզավր֊ստեգոզավրի[17] ենթադրվող արտաքին տեսքը։ Ետևի վերջավորությունները հավասար են երկու մարդահասակի։ Դե, հիմա ի՞նչ կասեք։
Նա բաց գիրքը ինձ մեկնեց։ Նայեցի իլյուստրացիան և ցնցվեցի։ Անհայտ նկարչի ճեպանկարի և վաղուց անհայտացած աշխարհի այդ ներկայացուցչի միջև, որն ստղծվել էր գիտնականի երևակայությամբ, անկասկած մեծ նմանություն կար։
― Իրոք ապշեցուցիչ է, ― ասացի ես։
― Բայց և այնպես դուք շարունակում եք համառե՞լ։
― Սակայն, միգուցե սա հասարակ զուգադիպություն է կամ թե ձեր ամերիկացին երբևէ տեսել է այսպիսի մի նկար և զառանցանքի մեջ հիշել այն։
― Շատ լավ, ― համբերությամբ ասաց պրոֆեսորը, ― թող այդպես լինի։ Այժմ բարի եղեք նայելու ահա այս։
Նա պարզեց ինձ այն ոսկորը, որը, իր ասելով, գտել էր մեռածի իրերի մեջ։ Ոսկորը վեց դյույմ երկարություն ուներ, բութ մատիցս հաստ էր, իսկ ծայրին պահպանվել էին բոլորովին չորացած կրճիկի մնացորդներ։
― Ձեզ հայտնի կենդանիներից որի՞ն կարող է պատկանել այս ոսկորը, ― հարցրեց պրոֆեսորը։
― Ես մանրակրկիտ զննեցի այն, օգնության կոչելով բոլոր գիտելիքներս, որ դեռ մտքիցս չէին թռել։
― Սա կարող է շատ հաղթանդամ մարդու անրակ լինել, ― ասացի ես։
Խոսակիցս արհամարհանքով ձեռքերը թափահարեց։
― Մարդու անրակը կորացրած ձև ունի, իսկ այս ոսկորը բոլորովին ուղիղ է։ Մակերեսին փոսիկ ունի, որը վկայում է, որ այստեղով հաստ ջլեր են անցել։ Անրակին ոչ մի նման բան չկա։
― Այդ դեպքում դժվարանում եմ պատասխանել։
― Մի՛ վախեցեք ձեր տգիտությունը ցուցադրելուց։ Կարծում եմ, որ Հարավային Կենսինգտոնի[18] կենդանաբանների մեջ չի գտնվի մեկը, որը կարողանա որոշել այս ոսկորը։ ― Նա վերցրեց մի փոքրիկ դեղատուփ և նրա միջից հանեց լոբու մեծության մի ոսկոր։ ― Որքան կարող եմ դատել, ահա այս ոսկորը մարդկային կմախքի կառուցվածքում համապատասխանում է նրան, որ դուք բռնել եք ձեր ձեռքում։ Այժմ որոշ պատկերացում ունե՞ք այդ կենդանու չափերի մասին։ Մի մոռացեք նաև ջլերի մնացորդը, որը վկայում է, որ դա եղել է թարմ օրինակ և ոչ թե բրածու։ Դե, այժմ ի՞նչ կասեք։
― Միգուցե փիղը․․․
Նա ցնցվեց ասես ուժեղ ցավից։
― Բավակա՛ն է, բավակա՛ն է։ Փղեր Հարավային Ամերիկայո՞ւմ։ Չհամարձակվե՛ք նույնիսկ ակնարկել այդ մասին։ Նույնիսկ մեր ժամանակակից տարրական դպրոցում․․․
― Դե, լավ, ― ընդհատեցի ես նրան։ ― Թող փիղ չլինի, այլ մի ուրիշ հարավամերիկյան կենդանի, օրինակ՝ գետակինճ։
― Հավատացեք ինձ, երիտասարդ, որ գիտության այդ բնագավառում ես տարրական գիտելիքներ ունեմ։ Չի կարելի նույնիսկ մի այնպիսի միտք թույլ տալ, թե այս ոսկորը պատկանում է գետակինճի կամ թե կենդանաբաններին հայտնի մի ուրիշ կենդանու։ Սա ոսկրն է խիստ ուժեղ, հետևապես և խիստ կատաղի մի գազանի, որն ապրում է երկրագնդի վրա ինչ֊որ տեղում, բայց մինչև այժմ անհայտ է գիտությանը։ Դուք դեռ շարունակում եք տարակուսե՞լ։
― Համենայն դեպս, սա խիստ հետաքրքրեց ինձ։
― Նշանակում է, դեռ անհուսալի չեք։ Զգում եմ, որ ձեր ուղեղում ինչ֊որ բան նշմարվում է, ուրեմն եկեք համբերությամբ բորբոքենք այդ կայծը։ Թողնենք հիմա հանգուցյալ ամերիկացուն և նորից անցնենք իմ պատմությանը։ Իհարկե, գլխի եք ընկնում, որ ես չէի կարող բաժանվել Ամազոնից, առանց պարզելու, թե բանն ինչ է։ Ես որոշ տեղեկություններ ունեի, թե որտեղից էր եկել այդ նկարիչը։ Սակայն, կարող էի առաջնորդվել միայն հնդկացիների լեգենդներով, քանի որ անծանոթ մոտիվը անցնում է գետամերձ ցեղերի բոլոր ավանդությունների միջով։ Անշուշտ, լսել եք Կուրուպուրի մասին։
― Ոչ, չեմ լսել։
― Կուրուպուրին՝ անտառի ոգին է, չար, ահեղ մի բան․ նրան հանդիպելը տանում է դեպի կործանում։ Ոչ ոք չի կարող մի կարգին նկարագրել Կուրուպուրիին, բայց այդ անունը հնդկացիներին սարսափ է ներշնչում։ Սակայն Ամազոնի ափերին ապրող բոլոր ցեղերը մի բանում համամիտ են իրար․ նրանք ճշգրիտ կերպով ցույց են տալիս, թե որտեղ է ապրում Կուրուպուրին։ Այդ նույն տեղերից էր եկել նաև ամերիկացին։ Այնտեղ ինչ֊որ անհասանելի ու զարհուրելի բան էր թաքնված։ Եվ ես որոշեցի պարզել, թե բանն ինչ է։
― Ի՞նչ արեցիք։
Իմ թեթևամտության հետքն անգամ չմնաց։ Այդ հսկան կարողանում էր իր հանդեպ ուշադրություն ու հարգանք նվաճել։
― Ինձ հաջողվեց հաղթահարել հնդկացիների դիմադրությունը, այն ներքին դիմադրությունը, որ նրանք ցույց են տալիս, երբ նույնիսկ լոկ խոսակցություն ես սկսում այդ թեմայով։ Գործի դնելով ամեն տեսակ հորդորներ, նվերներ և, պետք է խոստովանեմ, սպառնալիքներ, գտա երկու ուղեկցող։ Բազմաթիվ արկածներից հետո, ― դրանք նկարագրելու կարիք չկա, ― երկար օրերի ճանապարհից հետո, ― ուղղության և երկարության մասին ես ինձ թույլ եմ տալիս լռելու, ― վերջապես հասանք այն տեղերը, որոնք մինչև այժմ ոչ ոքի կողմից չէին նկարագրվել և ուր ոչ ոք չէր եղել, եթե չհաշվենք իմ դժբախտ նախորդին։ Այժմ բարի եղեք նայելու ահա այս։
Նա պարզեց ինձ ոչ մեծ լուսանկար։
― Սրա ողբալի վիճակը բացատրվում է նրանով, որ, երբ մենք գետով ցած էինք իջնում, մեր նավակը շուռ եկավ, և այն պատյանը, որի մեջ գտնվում էին չերևակած նեգատիվները, ջարդվեց։ Այդ աղետի հետևանքներն առկա են։ Համրյա բոլոր նեգատիվները ոչնչացան, ― մի կորուստ, որ բոլորովին անփոխարինելի է։ Ահա այս նկարը մեկն է սակավաթիվ փրկվածներից։ Դուք ստիպված եք գոհանալ սրա անկատարության այսպիսի բացատրությամբ։ Լուրեր են պտտվում ինչ֊որ կեղծիքի մասին, բայց ես այժմ տրամադիր չեմ վիճելու այդ թեմայի շուրջ։
Նկարն իրոք բոլորովին գունատ էր։ Անբարյացակամ քննադատը հեշտությամբ կարող էր կառչել դրանից։ Ուշադիր զննելով գորշաղոտ լանդշաֆտը և հետզհետե գլուխ հանելով մանրամասներից՝ ես տեսա մի երկար, վիթխարի բարձրության ապառաժների շարք, որը հիշեցնում էր հսկա ջրվեժ, իսկ առջևի պլանում՝ զառիկող հարթավայր՝ այստեղ֊այնտեղ ցրված ծառերով։
― Եթե չեմ սխալվում, այս պեյզաժը կար նաև ալբոմում, ― ասացի ես։
― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց պրոֆեսորը։ ― Ես այնտեղ իջևանի տեղեր գտա։ Իսկ այժմ նայեցեք մի լուսանկար ևս։
Դա նույն լանդշաֆտն էր, միայն թե ավելի խոշոր պլանով։ Հանվածքը բոլորովին փչացած էր, բայց և այնպես կարողացա ջոկել ծառով պսակված միայնակ ճայռը, որը լեռնապարից բաժանվում էր ծերպով։
― Այժմ ես ոչ մի կասկած չունեմ, ― խոստովանեցի ես։
― Նշանակում է, իզուր չենք ջանում, ― ասաց պրոֆեսորը։ ― Տեսե՛ք, ի՜նչ հաջողություն։ Հիմա բարի եղեք նայելու այս ժայռի գագաթին։ Ի՞նչ եք տեսնում այնտեղ։
― Վիթխարի մի ծառ։
― Իսկ ծառի վրա՞։
― Մի մեծ թռչուն։
Նա խոշորացույցը տվեց ինձ։
― Այո, ― ասացի ես՝ նայելով խոշորացույցի միջից, ― ծառի վրա նստած է մի մեծ թռչուն։ Նա բավական մեծ կտուց ունի։ Դա երևի հավալուսն է։
― Ձեր տեսողությունը նախանձելի չէ, ― ասաց պրոֆեսորը։ ― Դա հավալուսն չէ, ոչ էլ ընդհանրապես թռչուն է։ Թող հայտնի լինի ձեզ, որ ինձ հաջողվեց խփել այդ արարածին։ Եվ դա ծառայում էր իբրև միակ անվիճելի ապացույցը, որ ես բերեցի այնտեղից։
― Նա այստեղ, ձեզ մո՞տ է։
― Վերջապե՜ս ես կտեսնեմ այս բոլոր պատմությունների իրեղեն ապացույցը։
― Նա ինձ մոտ էր։ Դժբախտաբար աղետը գետում ոչ միայն ոչնչացրեց բոլոր նեգատիվները, այլև իմ այդ ավարը։ Ջրապտույտն իր մեջ առավ նրան, և, որքան էլ աշխատեցի փրկել իմ գանձը, ձեռքումս մնաց միայն նրա թևի կեսը։ Ես գիտակցությունս կորցրի և ուշքի եկա, երբ ջուրն ինձ ափ էր նետել, սակայն սքանչելի արարածի այդ ողորմելի մնացորդը անվնաս էր մնացել։ Ահա նա։
Պրոֆեսորը սեղանի դարակից հանեց մի բան, որն իմ կարծիքով հիշեցնում էր հսկայական չղջիկի թև։ Այդ ծռված, թաղանթավոր ոսկորը ամենաքիչը երկու ոտնաչափ երկարություն ուներ։
― Ահռելի մեծության չղջի՞կ, ― հայտնեցի ես իմ ենթադրությունը։
― Բոլորովի՛ն, ― խստությամբ ընդհատեց ինձ պրոֆեսորը։ ― Ապրելով գիտության և բարձր լուսավորության մթնոլորտում՝ ես չէի էլ կասկածում, որ կենդանաբանության հիմնական սկզբունքները այդքան քիչ են հայտնի հասարակության լայն խավերին։ Մի՞թե դուք ծանոթ չեք համեմատական անատոմիայի ամենատարրական դրույթին, որի համաձայն թռչունի թևն ըստ էության իրենից ներկայացնում է նախաբազուկ, մինչդեռ չղջիկի թևը բաղկացած է երեք երկարացրած մատներից՝ դրանց միջև ձգված թաղանթով։ Տվյալ դեպքում այս ոսկորը ոչ մի ընդհանուր բան չունի նախաբազկի ոսկրի հետ, և դուք կարող եք սեփական աչքերով հոմոզվել միայն մեկ թաղանթի առկայության մեջ։ Հետևաբար, կարիք չկա չղջիկին հիշել։ Բայց եթե սա ոչ թռչուն է և ոչ էլ չղջիկ, ապա ինչի՞ հետ գործ ունենք։ Ի՞նչ կարող է լինել սա։
Գիտելիքների իմ համեստ պաշարն սպառվեց մինչև վերջ։
― Իսկապես դժվարանում եմ պատասխանել, ― ասացի ես։
Պրոֆեսորը բացեց այն մենագրությունը, որն առաջ վկայակոչել էր արդեն։
― Ահա, ― շարունակեց նա, ինչ֊որ թևավոր հրեշ ցույց տալով ինձ, ― ահա դիմորֆոզոնի կամ պտերոդակտիլի[19] ― յուրայան շրջանի թևավոր թեփուկավորի հոյակապ պատկերը, իսկ հետևայլ էջում՝ նրա թևի մեխանիզմի սխեման։ Համեմատեցեք այն ձեր ձեռքում եղածի հետ։
Սխեմայի վրա գցած առաջին իսկ հայացքից զարմանքից ցնցվեցի։ Դա վերջնականապես համոզեց ինձ։ Վիճելու բան չկար։ Բոլոր տվայլների գումարն իր գործը տեսավ։ Ճեպանկարը, լուսանկարները, պրոֆեսորի պատմածը, իսկ այժմ նաև իրեղեն ապացույց։ Ուրիշ ի՞նչ կարելի էր պահանջել։ Այդպես էլ ասացի պրոֆեսորին, ասացի ամբողջ ջերմությամբ, որին ընդունակ էի, որովհետև այժմ ինձ համար պարզ էր, որ անարդարացի էին վարվել մարդու հետ։ Նա ետ էր ընկել աթոռի թիկնակին, աչքերը կկոցել և ներողամտաբար ժպտում էր։ Լողանալով անսպասելիորեն իր վրա ճառագած խոստովանության արևի շողերում։
― Սա մեծագո՜ւյն հայտնագործություն է աշխարհում, ― բացականչեցի ես, չնայած իմ մեջ խոսեց ոչ այնքան բնախույզի, որքան ժուռնալիստի խառնվածքը։ ― Սա վիթխարի՜ է։ Դուք գիտության Կոլումբոս եք։ Դուք հայտնագործել եք անհետացած մի աշխարհ։ Անկեղծորեն ցավում եմ, որ կասկածում էի ձեր խոսքերի ճշմարտությանը։ Այդ ամենն ինձ թվում էր անհավանական։ Բայց ես չեմ կարող չնդունել ակնհայտ փաստերը, որոնք պետք է նույնքան համոզիչ լինեն բոլորի համար։
Պրոֆեսորը բավականությունից մռմռում էր։
― Իսկ այնուհետև ի՞նչ ձեռնարկեցիկ, սըր։
― Սկսվեց անձրևների սեզոնը, միստր Մելոուն, իսկ սննդամթերքի իմ պաշարները վերջանալու վրա էին։ Ես հետազոտեցի այդ լեռնային հսկայական շղթայի մի մասը, սակայն բարձրանալ նրա վրա այնպես էլ չկարողացա։ Բրգաձև ժայռը, որի վրայից ցած էի գցել պտերոդակտիլին, ավելի մատչելի դուրս եկավ։ Հիշելով իմ ալպինիստական սովորությունները, ես բարձրացա մոտավորապես մինչև նրա կեսը։ Այդտեղից արդեն կարելի էր դիտել լեռնապարը պսակող սարահարթը։ Դա պարզապես անընդգրկելի էր։ Ուր էլ նայում էիր՝ արևմուտք, արևելք, վերջ չկար կանաչապատ այդ քարափներին։ Լեռնապարի ստորոտում տարածվել էին ճահիճներ և անանցանելի մացառուտներ, որոնք վխտում էին օձերով ու այլ զեռուններով։ Դա իսկապես տենդի բույն է։ Միանգամայն հասկանալի է, որ այդպիսի խոչընդոտները ծառայում էին իբրև բնական պաշտպանություն այդ արտասովոր երկրի համար։
― Իսկ դուք այնտեղ կյանքի ուրիշ նշաններ տեսա՞ք։
― Ոչ, սըր, չտեսա, բայց այդ քարափների ստորոտում անցկացրած մի շաբաթվա ընթացքում շատ անգամներ վերևից հասնող ինչ֊որ տարօրինակ հնչյուններ լսեցինք։
― Բայց այդ ի՞նչ արարած է, որ նկարել է ամերիկացին։ Ինչպե՞ս է նա հանդիպել այդ հրեշին։
― Կարող եմ միայն ենթադրել, որ նա մի հնարքով բարձրացել է քարափի գագաթը և այնտեղ հանդիպել նրան։ Հետևաբար, դեպի քարափը տանող ինչ֊որ ճանապարհ կա։ Անշուշտ, դժվարին ճանապարհ, այլապես բոլոր այդ հրեշները կիջնեին ներքև ու ողջ շրջապատը կլցնեին։ Այստեղ կասկած անգամ չի կարող լինել։
― Բայց ինչպե՞ս են նրանք հայտնվել այնտեղ։
― Իմ կարծիքով, այստեղ ոչ մի հանելուկային բան չկա, ― ասաց պրոֆեսորը։ ― Բացատրությունը ծագում է ինքնին։ Ինչպես հավանորեն ձեզ հայտնի է, Հարավային Ամերիկան իրենից ներկայացնում է մի գրանիտե մայր ցամաք։ Հեռավոր դարերում երևի այնտեղ հրաբխի ժայթքման հետևանքով տեղի է ունեցել շերտերի անակնկալ իջեցում։ Մի մոռացեք, որ այդ քարափները բազալտից են, հետևաբար, հրաբխային ծագում ունեն։ Մոտավորապես մեր Սասեքս կոմսության չափ մի տարածություն դուրս է ցցվել իր բոլոր բնակիչներով՝ մնացած ցամաքից անջատվելով այնպիսի ամուր քարափներով, որոնց ոչ մի հողմահարություն սարսափելի չէ։ Ի՞նչ է ստացվել։ Բնության օրենքներն իրենց ուժը կորցրել են այդտեղ։ Ամեն կարգի արգելակները, որոնք մնացյալ ամբողջ աշխարհում պայմանավորում են գոյության կռիվը, կամ չքացել են, կամ արմատապես փոխվել։ Այն կենդանիները, որոնք սովորական պայմաններում կմեռնեին, շարունակել են բազմանալ։ Ինչպես գիտեք, և՛ պտերոդակտիլը, և ստեգոզավրը վերաբերում են յուրայան շրջանին, հետևապես այդ երկուսն էլ երկրի պատմության մեջ ամենահին կենդանիներից են, որոնք պահպանվել են միայն բոլորովին բացառիկ, պատահականորեն ստեղծված պայմաններում։
― Բայց ձեր ձեռք բերած տեղեկությունները կասկածի տեղիք չեն թողնում։ Հարկավոր է միայն դրանք ներկայացնել համապատասխան անձանց։
― Ես էլ միամտորեն այդպես էի կարծում, ― դառնությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Միայն մի բան կարող եմ ասել․ իրականում ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Ես ստիպված էի յուրաքանչյուր քայլափոխում ընդհարվել անվստահության հետ, որի հիմքում ընկած էր մարդկային բթամտությունը կամ նախանձը։ Սըր, ես այնպիսի բնավորություն չունեմ, որ քծնեմ որևէ մեկի առաջ և ապացուցեմ իմ իրավացիությունը, երբ իմ խոսքերը կասկածի տակ են առնվում։ Իսկույն որոշեցի, որ այլևս կարիք չկա տրամադրությանս տակ եղած իրեղեն ապացույցները ներկայացնել։ Այդ թեման ինձ ատելի դարձավ, չէի ուզում ոչ մի խոսքով անգամ անդրադառնալ դրան։ Երբ իմ հանգիստը խանգարում էին ձեզ նման մարդիկ, ― մարդիկ, որոնք գոհացնում են ամբոխի պարապ հետաքրքրասիրությունը, ― ես չէի կարողանում հակահարված տալ նրանց՝ առանց սեփական արժանապատվությանս զգացումը կորցնելու։ Պետք է խոստովանել, որ ես բնավորությամբ բավական տաքարյուն եմ, և երբ ինձ համբերությունից հանում են, կարող եմ ամեն տեսակ փորձանք բերել։ Կարծեմ դուք այդ բանը ձեզ վրա զգացիք։
Ես շոշափեցի իմ պղտորված աչքը, բայց լռեցի։
― Միսիս Չելենջերը դրա համար շարունակ վիճում է ինձ հետ, բայց իմ կարծիքով ամեն մի օրինավոր մարդ ճիշտ նույն կերպ կվարվեր։ Սակայն, այսօր ես մտադիր եմ սառնասրտության օրինակ հանդիսանալ և ցույց տալ, թե կամքն ինչպես կարող է հաղթել խառնվածքին։ Հրավիրում եմ ձեզ սքանչանալ այդ տեսարանով։
Նա վերցրեց սեղանի վրայից մի քարտ և մեկնեց ինձ։
― Ինչպես տեսնում եք, այսօր երեկոյան ժամը ութն անց կեսին Կենդանաբանական իստիտուտում տեղի կունենա հայտնի բնախույզ միստր Պերսիվալ Ուոլդրոնի դասախոսությունը «Դարերի տախտակները» թեմայով։ Ինձ հրավիրում են նախագահությունում տեղ գրավել հատկապես նրա համար, որպեսզի բոլոր ներկաների անունից շնորհակալություն հայտնեմ դասախոսին։ Ես այդպես էլ կանեմ։ Բայց այդ չի խանգարի ինձ, իհարկե, մեծագույն տակտով և զգուշությամբ, մի քանի դիտողություններ անել, որոնք կհետաքրքրեն հանդիսականներին և ոմանց մեջ ցանկություն կառաջացնեն ավելի հանգամանորեն ծանոթանալու իմ կողմից բարձրացված հարցերին։ Անշուշտ, վիճելի մոմենտները չեն շոշափվի, բայց բոլորը կհասկանան, թե ինչպիսի պրոբլեմներ են թաքնված իմ խոսքերի տակ։ Խոստանում եմ ինձ հանգիստ պահել։ Ով գիտե, միգուցե իմ զսպվածությունը ավելի լավ արդյունքների հասցնի։
― Իսկ ես կարո՞ղ եմ այնտեղ գալ, ― շտապեցի հարցնել ես։
― Անշուշտ․․․ անշուշտ, կարող եք, ― ուրախությամբ պատասխանեց պրոֆեսորը։
Այդ մարդու սիրալիրությունը համարյա նույնքան շշմեցուցիչ էր, որքան և կոպտությունը։ Ի՜նչ արժեր միայն նրա բարեսիրտ ժպիտը․․․ Աչքերը համարյա չէին երևում, իսկ այտերը ուռչում էին, վերածվելով երկու կարմիր խնձորի, ներքևից սեղմված սև մորուքով։
― Անպայման եկեք։ Ինձ համար հաճելի կլինի գիտենալ, որ համենայն դեպս մի դաշնակից ունեմ դահլիճում, թեկուզ և խիստ անզոր ու անտեղյակ գիտության հարցերում։ Երևի շատ մարդ հավաքվի, քանի որ Ուոլդրոնն օգտվում է մեծ ժողովրդականությամբ, չնայած մաքուր շառլատանի մեկն է։ Այսպես, ահա, միստր Մելոուն, ես ձեզ հատկացրի շատ ավելի ժամանակ, քան ենթադրում էի։ Առանձին անհատը չի կարող սեփականել այն, ինչ որ պատկանում է ողջ մարդկությանը։ Ուրախ կլինեմ այսօր երկոյան ձեզ տեսնել դասախոսության տեղում։ Իսկ առայժմ թույլ տվեք հիշեցնել, որ այն նյութը, որին ես ձեզ ծանոթացրի, ոչ մի կերպ ենթակա չէ հրապարակման։
― Բայց միստր Մակ֊Արդլը․․․ դա մեր խմբագիրն է․․․ նա հաշվետվություն կպահանջի ինձանից ձեզ հետ ունեցածս խոսակցության առթիվ։
― Ասեք նրան, ինչ որ պատահի։ Ի միջի այլոց կարող եք ակնարկել, որ եթե նա էլի որևէ մեկին ուղարկի ինձ մոտ, ես ինքս կներկայանամ նրան՝ լավ մտրակով զինված։ Մնացած ամեն ինչում վստահում եմ ձեզ․ ո՛չ մի խոսք մամուլում։ Այսպես, շատ լավ։ Ուրեմն, ութն անց կեսին՝ Կենդանաբանական ինստիտուտում։
Հրաժեշտ տալիս նա ձեռքը թափահարեց։ Վերջին անգամ տեսա նրա վարդագույն այտերը, ալիքաձև, կապտասև մորուքը, վառվող աչքերը, և դուրս եկա սենյակից։
Գլուխ V «Դա դեռ փաստ չէ»
Պրոֆեսոր Չելենջերին արած առաջին այցի ժամանակ ստացված ֆիզիկակա՞ն ցնցումն էր պատճառը, թե՞ երկրորդ այցից ստացած բարոյական ցնցումը՝ չգիտեմ, սակայն, նորից փողոց դուրս գալով, զգացի, որ իբրև ռեպորտյոր բոլորովին բարոյալքված եմ։ Գլուխս պայթում էր ցավից, բայց և այնպես ուղեղումս առանց մի վայրկյան հանդարտվելու բախում էր մի միտք, թե այդ մարդն ասում է ճշմարտությունը, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, և, որ, երբ ինձ թույլատրվի օգտագործել նրա պատմությունը հոդվածի համար, մեր թերթը սենսացիոն մի նյութ կստանա։ Տեսնելով անկյունում կանգնած կառքը՝ թռա նրա մեջ և մեկնեցի խնբագրատուն։ Ինչպես միշտ, Մակ֊Արդլը իր պոստում էր։
― Դե՞, ― անհամբեր բացականչեց նա։ ― Ասացեք, քանի՞ տող է հարկավոր ձեզ։ Դուք այնպիսի տեսք ունեք, երիտասարդ, կարծես ուղղակի մարտադաշտից եք գալիս։ Մի՞թե առանց կռվի չանցավ։
― Այո, սկզբում մի քիչ քաշկռտվեցինք։
― Այ քեզ մա՜րդ։ Դե, իսկ հետո՞։
― Հետո նա խելքի եկավ, և մենք խաղաղ զրուցեցինք։ Սակայն ինձ ոչինչ չհաջողվեց դուրս կորզել նրանից, նույնիսկ մի փոքրիկ ակնարկի համար։
― Նայած ինչպե՜ս հասկանալ։ Իսկ մի՞թե ջարդված աչքը ակնարկի նյութ չէ։ Հերի՛ք ինչքան նա մեզ տեռորի ենթարկեց, միստր Մելոուն։ Իր տեղը ցույց տանք նրանք։ Հենց վաղը մի փոքրիկ հոդված կզետեղեմ, որից նա մի լավ կքրտնի։ Դուք միայն նյութը տվեք, և ես մեկընդմիշտ կնշավակեմ այդ սուբյեկտին։ «Պրոֆեսոր Մյունհաուզենը» ― ինչպե՞ս է դուր գալիս այս վերնագիրը։ «Հարություն առած Կալիոստրոն»։[20] Վերհիշենք պատմությանը հայտնի բոլոր միստիֆիկատորներին ու շառլատաններին։ Նա լիովին կհատուցի իր բոլոր խարդախությունների համար։
― Խորհուրդ չեմ տա այդ բանն անել, սըր։
― Ինչո՞ւ։
― Որովհետև Չելենջերը բոլորովին էլ խարդախ չէ։
― Ինչպե՜ս, ― ոռնաց Մակ֊Արդլը։ Ինչ է, դուք հավատացել եք մամոնտների, մաստոդոնտների և ծովային օձերի մասին արած նրա փչոցների՞ն․․․
― Դե չէ, այդ մասին խոսք անգամ չի եղել։ Բայց այժմ ինձ համար միանգամայն պարզ է, որ Չելենջերը կարող է ինչ֊որ նորություն ներդնել գիտության մեջ։
― Ուրեմն, ինչի՞ մասին եք մտածում։ Նստեցեք և գրեք։
― Ուրախությամբ կգրեի, բայց նա պարտավորեցրեց ամեն ինչ գաղտնի պահել և միայն այդ պայմանով համաձայնեց խոսել ինձ հետ։ ― Ես երկու֊երեք խոսքով շարադրեցի պրոֆեսորի պատմածը։ ― Տեսնո՞ւմ եք, թե բանն ինչպես է։
Մակ֊Արդլի կերպարանքն արտահայտում էր ամենախորին թերահավատություն։
― Այդ ժամանակ զբաղվեք այդ ժողովով, միստր Մելոուն, ― վերջապես ասաց նա։ ― Դրանում, հավանորեն, ոչ մի գաղտնի բան չկա։ Մյուս թերթերը հազիվ թե հետաքրքրվեն, որովհետև Ուոլդրոնի դասախոսությունների մասին մի հարյուր անգամ գրվել է արդեն, իսկ որ Չելենջերը պատրաստվում է ելույթ ունենալ՝ ոչ ոքի մտքով չի անցնում։ Թե որ բախտներս բանի, սենսացիոն նյութ կստանանք։ Համենայն դեպս, գնացեք այնտեղ և մանրամասն հաշվետվություն ներկայացրեք ինձ։ Մինչև ժամը տասներկուսը ազատ մի սյունակ կպահեմ ձեզ համար։
Հոգսաշատ օր էր սպասում ինձ, ուստի որոշեցի ավելի վաղ ճաշել ակումբում և, սեղանի մոտ հրավիրելով Հենրի Տարպին, համառոտակի պատմեցի իմ արկածների մասին։ Թերահավատ ժպիտը չէր հեռանում նրա նիհար, թուխ դեմքից, իսկ երբ խոստովանեցի, թե պրոֆեսորը համոզել է ինձ իր իրավացիության մեջ, Տարպը չդիմացավ և բարձր քրքջաց։
― Սիրելի բարեկամ, կյանքում այդպիսի հրաշքներ չեն լինում։ Այդ որտե՞ղ է տեսնված, որ մարդիկ պատահաբար դեմ առնեն մեծագույն հայտնագործության, իսկ հետո բոլոր իրեղեն ապացույցները կորցնեն։ Հեքիաթները թողեք վիպասաններին։ Ճարպիկ օյինբազությունների ուղղությամբ ձեր պրոֆեսորը կենդանաբանական այգու բոլոր կապիկներին գրպանը կդնի։ Չէ՞ որ դա անհավատալի ցնդաբանություն է։
― Իսկ ամերիկացի նկարի՞չը։
― Մտացածին անձ է։
― Ախր, ինքս եմ տեսել նրա ալբոմը։
― Դա Չելենջերի ալբոմն է։
― Ուրեմն, կարծում եք, թե նկա՞րն էլ նրանն է։
― Դե իհարկե։ Հապա ո՞ւմն է։
― Իսկ լուսանկարնե՞րը։
― Ախր նրանց վրա բան չի երևում։ ԻՆքներդ ասացիք, որ միայն ինչ֊որ թռչուն եք նշմարել։
― Պտերոդակտիլ։
― Այո, եթե հավատանք նրա խոսքերին։ Դուք հավատացել եք և ենթարկվել ներշնչման։
― Հապա ոսկորնե՞րը։
― Առաջինը նա հանել է սոուսի միջից, երկրորդը պատրաստել սեփական ձեռքերով։ Հարկավոր են միայն մտքի որոշ սրություն, այնուհետև ինչ կամենաս, կարող ես կեղծել՝ և՛ ոսկոր, և՛ լուսանկար։
Ես սկսեցի մի տեսակ ինձ վատ զգալ։ Միգուցե, իրո՞ք շատ եմ տարվել։ Հանկարծ մի բախտավոր միտք անցավ գլոխովս։
― Կգա՞ք այդ դասախոսությանը, ― հարցրի ես։
Հենրի Տարպը մի րոպե մտածեց։
― Ձեր հանճարեղ Չելենջերը մի առանձին ժողովրդականություն չի վայելում, ― ասաց նա։ ― Շատերը դեմ չեն նրա հետ իրենց հաշիվները մաքրելու։ Թերևս ամբողջ Լոնդոնում մի այլ մարդ չլինի, որն այդպիսի թշնամական զգացում առաջացներ իր նկատմամբ։ Եթե բժշկական ինստիտուտի ուսանողներ գան դասախոսությանը, սկանդալն անխուսափելի է։ Ոչ, ինչ֊որ տրամադիր չեմ գնալու այդ գժանոցը։
― Համենայն դեպս, պատշաճը հատուցեք՝ լսեցեք նրան։
― Այո, թերևս, արդարությունն այդ է պահանջում։ Լավ, այս երեկո ես ձեր ընկերը կլինեմ։
Երբ մոտենում էինք կենդանաբանական իստիտուտին, նկատեցի, որ հակառակ իմ սպասածին, շատ ժողովուրդ էր հավաքվում դասախոսությանը։ Էլեկտրական կառքերն իրար ետևից նախամուտքին էին մոտեցնում ճերմակահեր պրոֆեսորների, իսկ ավելի համեստ հասարակությունը հեղեղեի պես ներս էր հոսում կամարակապ դռներից, վկայելով, որ դահլիճում ներկա կլինեն ոչ միայն գիտնականներ, այլև լայն մասսաների ներկայացուցիչներ։ Եվ իրոք, գրավելով մեր տեղերը, իսկույն համոզվեցինք, որ հետին շարքերը շատ ազատ էին պահում իրենց։ Ետ դառնալով՝ ես նկատեցի ուսանող երիտասարդությանը։ Հավանորեն, բոլոր խոշոր հիվանդանոցներն իրենց պրակտիկանտներին այստեղ էին ուղաեկել։ Հասարակությունը տրամադրված էր բարեհոգորեն, բայց այդ բարեհոգության տակ կռվարարություն էր թաքնված։ Մերթ ընդ մերթ հնչում էին հանրածանոթ երգերի պատառներ, որ երգում էին խմբով և մեծ ովևորությամբ՝ գիտական դասախոսության խիստ յուրահատուկ նախերգանք։ Իրեն պարզ զգացնել էր տալիս ունկնդիրների հակումը, դեպի անպատկառ կատակները։ Այդ բանը հետագայում շատ մեծ դժվարություններ էր խոստանում բոլորոին, բացի այն անձերից, որոնց անմիջականորեն վերաբերվելու էին այդ կասկածելի կատակները։
Օրինակ, հենց որ բեմում երևաց դոկտոր Մելդրամը իր ծռված եզրերով նշանավոր ցիլիցնդրը գլխին, բոլոր կողմերից լսվեցին համերաշխ բացականչություններ․ «Համա թե դո՜ւյլ է։ Որտեղի՞ց եք ճարել»։ Ծերունին իսկույն ցիլինդրը հանեց և գողունի խցկեց բազկաթոռի տակ։ Երբ հոդատապով տառապող պրոֆեսոր Ուեդլին կաղին տալով առաջացավ դեպի իր տեղը, կատակաբանները, մեծագույն շփոթության մատնելով նրան, խմբով հարցրին, թե արդյոք պրոֆեսորի ոտքի մատը չի՞ ցավում։ Բայց ամենաջերմ ընդունելություն ցույց տրվեց իմ նոր ծանոթին՝ պրոֆեսոր Չելենջերին։ Իր բազկաթոռին հասնելու համար, ― առաջին շարքի ծայրի տեղը, ― նա ստիպված կտրեց անցավ ամբողջ բեմը։ Հենց որ նրա սև մորուքը երևաց դռների մեջ, ունկնդիրները ողջյունի այնպիսի ջերմ բացականչություններ արձակեցին, որ ես մտածեցի՝ Հենրի Տարպի երկյուղներն արդարացան․ հասարակությանը այստեղ է բերել ոչ այնքան դասախոսությունը, որքան նշանավոր պրոֆեսորին նայելու հնարավորությունը, որի ելույթի մասին լուրերը, ըստ երևույթին, արդեն տարածվել էին ամենուրեք։
Նրա հայտնվելու ժամանակ, առջևի շարքերում, որոնք զբաղված էին լավ հագնված հասարակությամբ, ծիծաղներ լսվեցին․ այս անգամ պարտերը հարգանքով վերաբերվեց ուսանողների անկարգություններին։ Հասարակությունը Չելենջերին ողջունում էր խլացուցիչ մռնչյունով․ այդպես կենդաբանական այգու վանդակի մեջ գիշատիչ գազաններն են մռնչում, կերակրման ժամին հեռվից լսելով ծառայողի ոտնաձայները։ Այդ մռնչյունի մեջ պարզ լսվում էին առանձին անհարգալիր նոտաներ, բայց ընդհանուր առմամբ, պրոֆեսորին ցույց տրված ազմկալից ընդունելությունը ավելի շատ հետաքրքրություն էր արտահայտում, քան թշնամություն կամ արհամարհանք։ Չելենջերը ժպտաց հոգնած ու ներողամիտ, ինչպես ժպտում է բարեհոգի մարդը, երբ նրա վրա հարձակվում է կլանչող շան լակոտների մի ամբողջ ոհմակ, հետո դանդաղ նստեց իր բազկաթոռին, ուսերն ուղղեց, խնամքով շոյեց մորուքը և, աչքերը կկոցելով, ամբարտավանությամբ նայեց դեպի լեփլեցուն դահլիճը։ Մռնչյունը դեռ չէր հանդարտվել, երբ բեմում երևացին նախագահը՝ պրոֆեսոր Ռոնալդ Մարրեյը, և զեկուցողը՝ միստր Ուոլդրոնը։
Ժողովն սկսվեց։
Հուսով եմ, պրոֆեսոր Մարրեյը կների ինձ, եթե ես նրան հանդիմանեմ, որ նա տառապում է մի թերությամբ, որը հատուկ է բոլոր անգլիացիներին, այն է՝ խոսքի անորոշությամբ։ Ըստ իս, դա մեր դարի հանելուկներից մեկն է։ Ինչո՞ւ մարդիկ, որոնք շատ ասելիք ունեն, չեն ուզում սովորել պարզորոշ խոսել։ Այդ նույնքան անմիտ է, որքան, ասենք, թանկագին հեղուկը փակած ծորակով խողովակի մեջ լցնելը, որը կարելի է բանալ առանց որևէ ջանքի։
Պրոֆեսոր Մարրեյը մի քանի խորամիտ դիտողություններով դիմեց իր սպիտակ փողկապին և ջրով լիքը գրաֆինին, ապա կատակով աչքով արեց ջահին, որը գտնվում էր նրա աջ կողմում, և նստեց բազկաթոռին՝ տեղը զիջելով հայտնի զեկուցող միստր Ուոլդրոնին, որին հասարակությունը դիմավորեց ծափերով։ Միստր Ուոլդրոնի դեմքը մռայլ էր, ձայնը խիստ, շարժումներն ամբարտավան, բայց նա ուներ ուրիշի մտքերը յուրացնելու և մատչելի, նույնիսկ հետաքրքրական ձևով անտեղյակ մարդկանց մատուցելու շնորհք, իր զեկուցումները ծաղկեցնելով բազմաթիվ, թվում է թե, ամենաանհարմար թեմաների շուրջը կատակներով, այնպես որ նրա շարադրմամբ նույնիսկ օրահավասարությունների պրեցեսիան[21] կամ ողնաշարավորների էվոլյուցիան հումորիստական բնույթ էին ստանում։
Պարզ, երբեմն էլ գեղեցկիկ ձևով, որին տերմինաբանության գիտականությունը չէր խանգարում, զեկուցողը մեր առջև բացեց աշխարհի առաջացման պատմությունը՝ վերցրած ասես թռչնաբարձրունքից։ Նա խոսեց երկրագնդի՝ երկնային ոլորտում բոցավառվող լուսատու գազի այդ վիթխարի զանգվածի մասին։ Հետո պատմեց, թե ինչպես այդ զանգվածն սկսեց սառչել ու քարանալ, ինչպես կազմվեցին երկրի կեղևի ծալքերը, ինչպես գոլորշին փոխակերպվեց ջրի։ Այդ բոլորը բեմի աստիճանական նախապատրաստումն էր կյանքի այն անհասկանալի դրամայի համար, որը պետք է խաղացվեր մեր մոլորակի վրա։ Անցնելով Երկրի վրա բոլոր կենդանի արարածների առաջացմանը՝ միստր Ուոլդրոնը սահմանափակվեց մի քանի մշուշապատ, ոչինչ չպարտավորեցնող ֆրազներով։ Համարյա վստահորեն կարելի է ասել, որ կյանքի սաղմերը չէին կարող դիմանալ երկրագնդի սկզբնական շրջանի բարձր ջերմաստիճանին։ Հետևաբար, նրանք մի փոքր ավելի ուշ առաջացան։ Որտեղի՞ց։ Սառչող անօրգանական տարրերի՞ց։ Միանգամայն հավանական է։ Բայց միգուցե նրանք դրսից են բերվել որևէ օդաքարի միջոցով։ Հազիվ թե։ Կարճ ասած, նույնիսկ իմաստուններից իմաստունները ոչ մի որոշակի բան չեն կարող ասել այս հարցի մասին։ Առայժմ մեզ չի հաջողվում լաբորատոր պայմաններում անօրգանական նյութից օրգանական նյութեր ստանալ։ Մեր քիմիան ի վիճակի չէ կամուրջ գցել այն անդունդի վրա, որը կենդանի մատերիան բաժանում է մեռածից։ Բայց բնությունն ինքը, որը բազում դարերի ընթացքում վիթխարի ուժերով օպերացիաներ է կատարում, հանդիսանում է մեծագույն քիմիկոսը և նրան կարող է հաջողվել այն, ինչ որ վեր է մեր ուժերից։ Եվ այստեղ այլևս ասելիք չկա։
Դրանից հետո զեկուցողը անցավ կենդանական կյանքի մեծ սանդղակին և աստիճան առ աստիճան՝ կակղամորթներից ու ծովային անողնաշարավոր արարածներից դեպի սողուններն ու ձկները, հասավ, վերջապես, կենդանի ձագեր ծնող կենգուրույին՝ բոլոր կաթնասունների ուղղակի հետնորդին, հետևապես նաև նրանց, ովքեր գտնվում են այս դահլիճում։ (Ինչ֊որ հոռետեսի ձայն հետին շարքերից․ «Ասե՜նք թե»։) Եթե «Ասենք թե» բղավող կարմիր փողկապավոր այն երիտասարդ ջենտլմենը, որն ըստ երևույթին հիմքեր ունի կարծելու, թե ինքը ձվից է դուրս թռել, հաճի նիստից հետո մնալ, դասախոսը շատ ուրախ կլինի ծանոթանալու այդպիսի տեսարժան անձի հետ։ (Ծիծաղ։) Հապա մտածեցե՜ք, որ բնության մեջ դարերով տեղի ունեցող պրոցեսները ավարտվել են կարմիր փողկապավոր երիտասարդ ջենտլմենի ստեղծումով․․․ Բայց արդյոք իսկապե՞ս այդ պրոցեսներն ավարտվել են։ Կարելի՞ է այդ ջենտլմենին համարել էվոլյուցիայի արդյունք՝ այսպես ասած՝ ստեղծագործության պսակը։ Զեկուցողը չի կամենում վիրավորել կարմիր փողկապավոր ջենտլմենի լավագույն զգացմունքները, բայց նրան թվում է, որ ինչպիսի առաքինություններով էլ օժտված լինի սույն ջենտլմենը, այնուամենայնիվ, տիեզերքում կատարվող վիթխարի պրոցեսները չէին արդարացնի իրենց, եթե նրանց վերջնական արդյունքը լիներ ահա այդպիսի օրինակի ստեղծումը։ Էվոլյուցիան պայմանավորող ուժերը չեն սպառվել, նրանք շարունակում են գործել և ավելի մեծ անակնկալներ են պատրաստում մեզ համար։
Ընդհանուր ծիծաղի տակ հաշիվ տեսնելով իր հակառակորդի հետ, միստր Ուոլդրոնը վերադարձավ անցյալի պատկերներին և պատմեց, թե ինչպես ծովերը ցամաքեցին՝ մերկացնելով ավազե ծանծաղուտները, ինչպես այդ ծանծաղուտներում հայտնվեցին առաջին կենդանի էակները՝ դոնդողանման, ալարկոտ, պատմեց ամեն տեսակ ծովային արարածներով վխտացող ծովալճակների մասին, որոնց այնտեղ է գրավում տղմոտ հատակը և հատկապես սննդի առատությունը, որը նպաստել է նրանց արագ զարգացմանը։
― Լեդիներ և ջենտլմեններ, ահա թե որտեղից են առաջացել այն հրեշավոր թեփուկավորները, որոնք մինչև այժմ էլ զարհուրանք են պատճառում մեզ, երբ մենք նրանց կմախքները գտնում ենք վելդյան կամ գոլենհոֆենյան[22] թերթաքարերում։ Բարեբախտաբար, նրանք բոլորն էլ մեր մոլորակի վրայից չքացել են առաջին մարդու երևալուց շա՜տ ու շատ առաջ։
― Այդ դեռ փաստ չէ, ― թնդաց ինչ֊որ մեկը բեմից։
Միստր Ուոլդրոնը տոկուն մարդ էր, սուր լեզվով, որն առանձնապես իր վրա զգաց կարմիր փողկապավոր ջենտլմենը, և նրան ընդհատելն անվտանգ չէր։ Բայց վերջին ռեպլիկը, հավանորեն, այնքան անհեթեթ թվաց, որ նա մինչև իսկ մի փոքր շփոթվեց։ Այդպիսի շփոթված տեսք կարող էր ունենալ կատաղի բեկոնականի[23] կողմից վիրավորված շեքսպիրագետը, կամ մի աստղաբախշ, որն ընդհարվել է Երկրի տափակության մասին պնդող մի ֆանատիկոսի հետ։ Միստր Ուոլդրոնը մի վայրկյան լռեց, ապա, ձայնը բարձրացնելով՝ հատ֊հատ կրկնեց իր վերջին խոսքերը։
― Բարեբախտաբար, նրանք բոլորն էլ մեր մոլորակի վրայից չքացել են առաջին մարդու երևալուց շա՜տ ու շատ առաջ։
― Այդ դեռ փաստ չէ՛, ― նորից թնդաց նույն ձայնը։
Ուոլդրոնը զարմացական մի հայացք գցեց սեղանի մոտ նստած պրոֆեսորներին և, վերջապես, կանգ առավ Չելենջերի վրա, որ նստել էր բազկաթոռի թիկնակին հենված, և ասես երազի մեջ, ժպտում էր փակ աչքերով։
― Ա՜, հասկանում եմ, ― Ուոլդրոնը ուսերը թոթվեց։ ― Այդ իմ բարեկամ պրոֆեսոր Չելենջերն է։ ― Եվ ամբողջ դահլիճի քրքիջի տակ վերադարձավ ընդհատված դասախոսությանը ասես թե հետագա բացատրությունները բոլորովին ավելորդ էին։
Սակայն բանը դրանով չվերջացավ։ Ինչ ճանապարհ էլ որ ընտրում էր զեկուցողը, խարխափելով անցյալի թավուտներում, ամեն ինչ անփոփոխ կերպով նրան հասցնում էր նախապատմական անհետացած կենդանիների հիշատակմանը, և իսկույն պրոֆեսորի կրծքից դուրս էր ժայթքում նույն սաստկաձայն մռնչյունը։ Դահլիճում արդեն առաջուց գուշակում էին նրա յուրաքանչյուր ռեպլիկը և ցնծագին աղմուկով էին դիմավորում այն։ Սեղմ շարքերով նստած ուսանողները պարտքի տակ չէին մնում, և հենց որ Չելենջերի սև մորուքը շարժվում էր, հարյուրվոր ձայներ, կանխելով նրան, համերաշխ գոռում էին․ «Այդ դեռ փաստ չէ», իսկ առջևի շարքերից լսվում էին զայրալից ճիչեր․ «Կամա՜ց։ Խահտառակությո՜ւն է»։ Մարտերում կոփված, փորձառու դասախոս Ուոլդրոնը վերջնականապես գլուխը կորցրեց։ Նա լռեց, հետո սկսեց ինչ֊որ մռթմռթալ՝ կակազելով ամեն խոսքի վրա և, կրկնելով արդեն ասածը՝ խճճվեց մի երկար ֆրազի մեջ ու վերջում հարձակվեց ողջ այդ անկարգության մեղավորի վրա։
― Այս արդեն չափն ու սահմանն անց է, ― պայթեց նա՝ ցասկոտությամբ փայլեցնելով աչքերը։ ― Պրոֆեսոր Չելենջեր, խնդրում եմ դադարեցնել ձեր վրդովեցուցիչ ու անվայել բացականչությունները։
Դահլիճը սսկվեց։ Ուսանողները հիացմունքից քար կտրեցին՝ բարձր օլիմպիականները վեճի բռնվեցին նրանց աչքի առաջ։ Չելենջերն անշտապ իր ծանր մարմինը ազատեց բազկաթոռից։
― Իսկ ես իմ հերթին խնդրում եմ ձեզ, միստր Ուոլդրոն, բավական է պնդեք այն, ինչ որ հակասում է գիտական տվայլներին, ― ասաց նա։
Այդ խոսքերն իսկական փոթորիկ առաջացրին։ Ընդհանուր աղմուկի ու քրքիջի միջից լսվում էին միայն առանձին զայրալից ճիչեր․ «Խայտառակությո՜ւն», «Թող խոսի», «Դո՛ւրս վռնդեք նրան այստեղից», «Հեռացրե՛ք բեմից», «Դա անազնվություն է, թույլ տվեք նրան արտահայտվելու»։
Նախագահը վեր թռավ տեղից և, թույլ կերպով թափահարեց թևերը, հուզված ինչ֊որ բան շշնջաց։ Այդ անորոշության մշուշից լսելի էին միայն առանձին անկապ խոսքեր․ «Պրոֆեսոր Չելենջեր․․․ բարի եղեք․․․ ձեր նկատառումներ․․․ հետո․․․»։ Կարգը խանգարողը գլուխ տվեց նրան, ժպտաց, սղալեց մորուքը և նորից թաղվեց բազկաթոռի մեջ։ Ուոլդրոնը շարունակեց իր դասախոսությունը տաքացած այդ խոսքակռվից և խիստ մարտականորեն տրամադրված։ Ժամանակ առ ժամանակ որևէ դրույթ արտահայտելով, նա չարությամբ լի հայացքներ էր նետում իր հակառակորդի վրա, որն ասես ննջում էր, փռված բազկաթոռի մեջ, միշտ նույն երանության լայն ժպիտը շուրթերին։
Եվ ահա դասախոսությունը վերջացավ՝ ինձ թվում է, ժամանակից մի փոքր շուտ, որովհետև եզրափակիչ մասը կոծկվեց՝ մի տեսակ չկապվելով նախընթացի հետ։ Կոպիտ միջամտությունը խանգարեց դասախոսի մտքի ընթացքին։ Ունկնդիրները մնացին չբավարարված և ապասում էին դեպքերի հետագա զարգացմանը։
Ուոլդրոնը նստեց իր տեղը, նախագահն ինչ֊որ բան ճտվտաց, որից հետո պրոֆեսոր Չելենջերը մոտեցավ բեմի առաջամասին։ Հիշելով իմ թերթի շահերը, ես համարյա բառացիորեն գրի առա նրա ճառը։
― Լեդիներ և ջենտլմեններ, ― սկսեց նա ետևի շարքերի զսպված աղմուկի տակ։ ― Ներողություն եմ խնդրում, լեդիներ, ջենտլմեններ և մանուկներ․․․ Իմ կամքից անկախ, ես անտեսեցի ունկնդիրների մի զգալի մասին։ (Դահլիճում աղմուկ։ Սպասելով դրա հանդարտվելուն, պրոֆեսորը ողորմածաբար օրորում է իր խոշոր գլուխը և ձեռքերը վեր բարձրացնում, ասես օրհնելով բազմությանը։) Ինձ առաջարկվեց շնորհակալություն հայտնել միստր Ուոլդրոնին իր հույժ պատկերավոր ու հետաքրքրաշարժ զեկուցման համար, որը մենք ձեզ հետ միասին հենց նոր լսեցինք։ Այդ զեկուցման որոշ թեզերի հետ ես համաձայն չեմ, որի մասին պարտք համարեցի հայարարել առանց ուշացման։ Բայց և այնպես հարկ է խոստովանել՝ միստր Ուոլդրոնը հաջողությամբ կատարեց իր խնդիրը, այն է՝ մատչելի ու հետաքրքրական ձևով շարադրեց մեր մոլորակի պատմությունը, ավելի ճիշտ այն, ինչ որ նա հասկանում է մեր մոլորակի պատմություն ասելով։ Հանրամատչելի դասախոսությունները խիստ հեշտությամբ են յուրացվում, բայց․․․ (այստեղ Չելենջերը երանելիությամբ ժպտաց և մի հայացք նետեց դասախոսի վրա) իհարկե, միստր Ուորդրոնը կների ինձ, եթե ասեմ, որ նման դասախոսությունները, իրենց շարադրման յուրահատկությունների շնորհիվ միշտ էլ գիտության տեսակետից լինում են մակերեսային ու վատորակ, քանի որ դասախոսը, այսպես թե այնպես, պետք է հարմարվի տգետ լսարանին։ (Ծաղրական բացականչություններ տեղերից։) Հանրամատչելի դարձնող դասախոսներն իրենց էությամբ պարազիտներ են։ (Բողոքի շարժում Ուոլդրոնի կողմից։) Նրանք շահույթի կամ ինքնառեկլամի նպատակով օգտագործում են իրենց անհայտ, կարիքի տակ ճզմված եղբայրակիցների աշխատանքը։ Լաբորատորիայում ձեռք բերված ամենաաննշան հաջողությունը՝ մեկն այն աղյուսիկներից, որոնք օգտագործվում են գիտության տաճարի կառուցման համար, ավելին արժե, քան այն ամենը ինչ ստացվում է երկրորդ ձեռքերից, քան ամեն մի մասսայականացում, որը կարող է զվարճացնել մի ժամով, բայց ոչ մի շոշափելի արդյունք չի տա։ Ես այս հանրահայտ ճշմարտությունը հիշեցնում եմ ոչ թե միստր Ուոլդրոնի ծառայությունները նսեմացնելու ցանկությամբ, այլ որպեսզի դուք չկորցնեք համեմատության զգացումը՝ սպասավորին գիտության բարձրագույն քուրմի տեղ ընդունելով։ (Այստեղ միստր Ուոլդրոնը ինչ֊որ քչփչաց նախագահի ականջին, որը տեղից վեր կացավ և մի քանի խիստ խոսքեր ասավ իր առջև դրված ջրի գրաֆինին։) Բայց հերիք է այս մասին։ (Հավանության բացականչություններ։) Թույլ տվեք անցնել մի հարցի, որն ավելի լայն հետաքրքրություն է ներկայացնում։ Որտե՞ղ էր, որ ես՝ ինքնուրույն հետազոտողս, ստիպված եղա հարցականի տակ դնել մեր դասախոսի իրազեկությունը։ Այնտեղ, ուր խոսքը վերաբերում էր կենդանական կյանքի որոշ տեսակների անհետացմանը Երկրի երեսից։ Ես դիլետանտ չեմ և այստեղ հանդես եմ գալիս ոչ իբրև մասսայականացնող, այլ իբրեև մի մարդ, որի գիտական բարեխճությունն ստիպում է իրեն խստագույնս հենվել փաստերի վրա։ Այդ պատճառով ես հաստատում եմ, որ միստր Ուոլդրոնը խորապես սխալվում է, պնդելով, իբրև թե այսպես կոչված մինչպատմական կենդանիները չքացել են Երկրի երեսից։ Նա առիթ չի ունեցել տեսնելու այդ կենդանիներին, բայց դա դեռ ոչինչ չի ապացուցում։ Նրանք, իրոք, ինչպես նա արտահայտվեց, հանդիսանում եմ մեր նախորդները, սակայն, կավելացնեմ ես, ոչ միայն նախորդները, այլև ժամանակակիցները, որոնց կարելի է դիտել իրենց ամբողջ յուրահատկությամբ՝ վանող, զարհուրելի յուրահատկությամբ։ Այն վայրերը հասնելու համար, ուր ապրում են նրանք, անհրաժեշտ է միայն տոկունություն և համարձակություն։ Այն կենդանիները, որոնց մենք վերագրեցինք յուրայան շրջանին, հրեշներ են, որոնց համար չնչին բան է մինչև այժմ գոյություն ունեցող մեր ամենախոշոր ու ամենակատաղի կաթնասուններին պատառոտելը և կուլ տալը․․․ (Բացականչություններ․ «Ցնդաբանություն։ Ապացուցե՛ք։ Դուք այդ որտեղի՞ց գիտեք։ Դա դեռ փաստ չէ»։) Դուք հարցնում եք, թե ես որտեղից գիտե՞մ։ Գիտեմ, որովհետև եղել եմ այն վայրերում, ուր ապրում են նրանք։ Գիտեմ, որովհետև տեսել եմ այդպիսի կենդանիների․․․ (Ծափեր, խլացուցիչ աղմուկ և ինչ֊որ մեկի ձայնը․ «Ստախո՜ս»։) Ե՞ս եմ ստախոսը։ (Միահամուռ․ «Այո՛, այո՛»։) Կարծեմ ինձ ստախո՞ս անվանեցին։ Թող այդ մարդը վեր կենա տեղից, որպեսզի ես կարողանամ նրան տեսնել։ (Մի ձայն «Ահա՛ նա, սըր», ― և ուսանողների գլխավերևում կատաղորեն թպրտում է մի ակնոցավոր մարդուկ, որը բոլորովին անմեղ տեսք ունի։) Այդ դո՞ւք համարձակվեցիք ստախոս անվանել ինձ։ (Ո՛չ, սըր, ― ճչում է նա և խեղկատակի նման գլուխկոնծի տալիս ներքև։) Եթե ներկաներից որևէ մեկը կասկածում է իմ ճշմարտությանը, ժողովից հետո ես հաճույքով կզրուցեմ նրա հետ։ («Ստախո՛ս»։) Ո՛վ էր այդ ասողը։ (Նորից անմեղ զոհը օդ է թռչում, կատաղորեն աշխատելով ազատվել իրեն չարչարողների ձեռքերից։) Հիմա ես ցած կիջնեմ բեմից, և այն ժամանակ․․․ (Համերաշխ ճիչերը՝ «Համեցե՜ք, բարեկամ, համեցե՜ք», ― մի քանի րոպեով ընդհատում են ժողովը։ Նախագահը վեր է ցատկում տեղից և դիրիժորի նման թափահարում ձեռքերը։ Պրոֆեսորը վերջնականապես գազազել է․ նա կանգնած է մորուքն առաջ ցցած, կարմրատակած, լայնացած ռունգերով։) Բոլոր մեծ նորարարներն իմացել են՝ ինչ ասել է ամբոխի անվստահություն։ Անվստահությունը հիմարների դրոշն է։ Երբ խոշոր հայտնագործությունները դնում են ձեր ոտքերի տակ, ձեզ պակասում է հոտառությունը, պակասում է երևակայությունը, որպեսզի իմաստավորեք դրանք։ Դուք ընդունակ եք միայն ցեխ շպրտել այն մարդկանց վրա, որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել՝ նվաճելով գիտության նորանոր հորիզոններ։ Դուք քարկոծում եք մարգարեներին։ Գալիլեյը, Դարվինը և ես․․․ (Երկարատև բացականչություններ և լիակատար անկարգություն դահլիճում)։
Այս ամենը ես քաղում եմ իմ շտապ գրառումներից, որոնք չնայած արել եմ տեղում, բայց անհրաժեշտ պատկերացում չեն կարող տալ այդ ժամանակ դահլիճում տիրող քաոսի մասին։ Այնպիսի աղմուկ֊աղաղակ բարձրացավ, որ մի քանի կանայք փախուստի դիմեցին։ Ընդհանուր տրամադրությանն անձնատուր եղան ոչ միայն ուսանողները, այլև ավելի լուրջ հասարակությունը։ Ես իմ աչքով տեսա, թե ինչպես ալեհեր ծերունիները վեր էին թռչում տեղերից ու բռունցք թափ տալիս՝ զայրանալով սանձակոտոր պրոֆեսորի վրա։ Բազմամարդ խառնաժողովը եռում ու փրփրում էր, ինչպես ջուրը կաթսայի մեջ։ Պրոֆեսորն առաջ եկավ և ձեռքերը պարզեց վեր։ Այդ մարդու մեջ մի այնպիսի ուժ ու անվեհերություն էր զգացվում, որ աղմկարարներն աստիճանաբար լռեցին՝ զսպված նրա հրամայական շարժումից և տիրական հայացքից։ Եվ դահլիճը սսկվեց՝ պատրաստվելով լսելու։
― Ես ձեզ երկար չեմ պահի, ― շարունակեց Չելենջերը։ ― Արժե՞ միթե իզուր տեղը ժամանակ վատնել։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և այն չի կարելի սասանել հիմար տղաների և, ափսոսանքով պիտի ավելացնեմ, ոչ պակաս տարեց հիմար ջենտլմենների ոչ մի անկարգությամբ։ Ես պնդում եմ, որ իմ կողմից հայտնաբերված է գիտական հետազոտությունների մի նոր ասպարեզ։ Դուք այդ բանը վիճարկում եք։ (Ընդհանուր բացականչություններ։) Եկեք ուրեմն քննություն անցկացնենք։ Համաձա՞յն եք արդյոք ձեր միջից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ ընտրել, որոնք ստուգեին իմ խոսքերի իրավացիությունը։
Համեմատական անատոմիայի պրոֆեսոր միստր Սամերլին, բարձրահասակ, մաղձոտ մի ծերուկ, որի չոր֊չոր դեմքին ինչ֊որ բան կար, որը նրան աստվածարանի նմանություն էր տալիս, վեր ելավ տեղից։ Նա կամեցավ իմանալ, թե արդյոք պրոֆեսոր Չելենջերի հայտարարությունները երկու տարի առաջ դեպի Ամազոնի ակունքները ձեռնարկած ուղևորության արդյունքը չե՞ն։
Պրոֆեսոր Չելենջերը դրական պատասխան տվեց։
Այնուհետև միստր Սամերլին հետաքրքրվեց, թե ինչպես է պրոֆեսոր Չելենջերին հաջողվել նոր հայտնագործություն կատարել այն վայրերում, որոնք ուսումնասիրվել են Ուոլեսի, Բեյթսի և միանգամայն արժանի հռչակ վայելող այլ գիտնականների կողմից։
Պրոֆեսոր Չելենջերը պատասխանեց դրան, թե ըստ երևույթին պրոֆեսոր Սամերլին Ամազոնը շփոթում է Թեմզայի հետ։ Ամազոնը շատ ավելի մեծ է Թեմզայից և, եթե միստր Սամերլիին հաճելի է իմանալ, Ամազոն գետը և վտակով նրան միացող Օրինոկո գետը միասին ընդհանուր առմամբ բռնում են հիսուն հազար քառակուսի մղոն տարածություն։ Այդ պատճառով էլ ոչ մի զարմանալի բան չկա, եթե այդպիսի վիթխարի տարածության վրա մի հետազոտող հայտնաբերի այն, ինչ֊որ կարող էին նկատած չլինել նրա նախորդները։
Միստր Սամերլին թթու ժպիտով առարկեց, թե իրեն լավ հայտնի է Թեմզայի և Ամազոնի միջև եղած տարբերությունը, այն է՝ որ առաջինին վերաբերող ամեն մի պնդում հեշտությամբ կարելի է ստուգել, ինչ֊որ չի կարելի ասել երկրորդի մասին։ Նա հույժ պարտավորված կզգար պրոֆեսոր Չելենջերին, եթե սա հայտներ, թե լայնության ու երկայնության որ աստիճանի տակ է գտնվում այդ վայրը, ուր ապրում են մինչպատմական կենդանիները։
Պրոֆեսոր Չելենջերը պատասխանեց, որ մինչև այժմ նա ձեռնպահ է մնացել նման տեղեկություններ հաղորդելուց՝ դրա համար ծանրակշիռ հիմքեր ունենալով, բայց հիմա, անշուշտ, որոշ վերապահումներով, նա կարող է այդ տվյալները հաղորդել ունկնդիրների կողմից ընտրված հանձնաժողովին։ Թերևս միստր Սամերլին կհամաձայնի՞ մտնել այդ հանձնաժողովի մեջ և անձամբ ստուգել պրոֆեսոր Չելենջերի պնդումների հավաստիությունը։
Միստեր Սամերլի։ Այո, կհամաձայնեմ։ (Բուռն ծափահարություններ։)
Պրոֆեսոր Չելենջեր։ Այն ժամանակ ես պարտավորվում եմ ներկայացնել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կօգնեն ձեզ տեղ հասնելու։ Սակայն, քանի որ միստր Սամերլին մտադիր է ստուգել ինձ, ես իրավացի եմ համարում, որպեսզի նրան ևս մեկնումեկն ստուգի։ Չեմ թաքցնում ձեզանից, որ ճանապարհորդությունը կապված կլինի բազմաթիվ դժվարությունների ու վտանգների հետ։ Միստր Սամերլիին անհրաժեշտ է մի ուղեկից, որն ավելի ջահել լինի։ Միգուցե այստեղ, դահլիճում, ցանկացողներ կգտնվե՞ն։
Ահա այսպես անսպասելիորեն մարդու կյանքում բեկում է տեղի ունենում։ Մի՞թե ես, այդ դահլիճը ներս մտնելիս, կարող էի մտածել, թե կանգնած եմ ամենաանհավանական արկածների շեմին, արկածներ, որ նույնիսկ չէի երազել։ Բայց Գլեդի՜սը։ Մի՞թե նա այդ մասին չէր խոսում։ Գլեդիսը կօրհներ ինձ այդպիսի սխրագործության համար։ Տեղիցս վեր ցատկեցի։ Խոսքերն իրենք իրենց դուրս թռան բերանիցս։ Կողքիս նստած Հենրի Տարպը քաշեց պիջակիցս ու շշնջաց․
― Նստեցեք, Մելոուն, հիմար վիճակի մեջ մի դնեք ձեզ բոլորի առաջ։
Նույն րոպեին նկատեցի, թե ինչպես առաջին շարքերից մեկում տեղից ելավ ինչ֊որ բարձրահասակ, շիկավուն մարդ։ Նա բարկությամբ աչքերը փայլեցրեց ինձ վրա, բայց ես տեղի չտվի։
― Պարոն նախագահ, ես ուզում եմ գնալ, ― կրկնեցի ես։
― Անո՛ւնը, անո՛ւնը, ― պահանջում է հասարակությունը։
― Իմ անունն է Էդուարդ Դան Մելոուն։ Ես «Դեյլի֊գազետի»֊ի ռեպորտյորն եմ։ Խոսք եմ տալիս, որ կլինեմ միանգամայն անաչառ վկա։
― Իսկ ձե՞ր անունը, սըր, ― դիմեց նախագահն իմ ախոյանին։
― Լորդ Ջոն Ռոքստոն։ Ես եղել են ամազոնում, լավ գիտեմ այդ վայրերը և, հետևաբար, բոլոր հիմքերն ունեմ իմ թեկնածությունն առաջարկելու։
― Լորդ Ջոն Ռոքստոնը համաշխարհային հռչակ է վայելում իբրև ճանապարհորդ և որսորդ, ― ասաց նախագահը։ ― Բայց մամուլի ներկայացուցչի մասնակցությունն այս էքսպեդիցիային ոչ պակաս ցանկալի է։
― Այդ դեպքում, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը, ― ես առաջարկում եմ, որպեսզի ներկա ժողովը լիազորի այս երկու ջենտլմեններին՝ ուղեկցելու պրոֆեսոր Սամերլիին իր ճանապարհորդության ընթացքում, որի նպատակն է լինելու իմ խոսքերի իրավացիության հետաքննությունը։
Ամբողջ դահլիճի բացականչությունների ու ծափերի տակ մեր ճակատագիրը որոշվեց, և ես, ալեկոծված այն բանից, ինչ որ ինձ սպասում էր առաջիկայում, խառնվեցի դեպի դռները հորդող մարդկային հեղեղին։ Դուրս գալով փողոց՝ ես, ինչպես երազում, աղոտ կերպով տեսա քրքիջով ընթացող ամբոխին, իսկ նրա կենտրոնում՝ հովանոցով զինված մի ձեռք, որը մի գլուխ իջնում էր ուսանողների գլխին։ Հետո պրոֆեսոր Չելենջերի էլեկտրակառքը շարժվեց տեղից կռվարարների ուրախ ճիչերի և տուժածների տնքոցների ուղեկցությամբ։ Ես շարունակեցի քայլել Ռիջենտ֊ստրիտով՝ ամբողջովին կլանված Գլեդիսի և ինձ առաջիկայում սպասելիք արկածների մասին մտքերով։
Հանկարծ մեկը ձեռք տվեց արմունկիս։ Ետ դառնալով տեսա, որ ծիծաղկոտ և տիրական ինձ էր նայում այն բարձրահասակ, նիհար մարդը, որը ցանկություն հայտնեց ինձ հետ միասին մասնակցելու այդ արտասովոր էքսպեդիցիային։
― Եթե չեմ սխալվում, դուք միստր Մելոո՞ւնն եք, ― ասաց նա։ ― Այսուհետև մենք ընկերներ կլինենք։ Ես ապրում եմ այստեղից երկու քայլի վրա, Օլբենիում։ Թերևս, դուք մի կես ժամ տրամադրե՞ք ինձ։ Ես շատ եմ ուզում որոշ բաների մասին խոսել ձեզ հետ։
Գլուխ II «Ինձ կոչում էին աստծու խարազան»
Լորդ Ջոն Ռոքստոնը թեքվեց դեպի Վիգո֊ստրիտ, և մենք իրար ետևից անցնելով մի շարք կեղևաթափ նախամուտքեր, խորացանք դեպի Օլբենի փողոցը՝ այդ նշանավոր արիստոկարատական միջնանոցը։ Երկար, մութ միջանցքի վերջում իմ նոր ծանոթը հրեց դուռը և անջատիչը պտտեց։ Վառ լուսամփոփավոր լամպերը հսկայական սենյակը լցրին սուտակե լույսով։ Դեռ շեմքից նայելով, ես մեկեն զգացի այստեղ շքեղության, նուրբ կոմֆորտի ու միաժամանակ առնականության մի մթնոլորտ։ Սենյակը խոսում էր այն մասին, որ այդտեղ անխոնջ պայքար է գնում նրա հարուստ տիրոջ նուրբընտիր ճաշակի և ամուրիական թափթփվածության միջև։ Հատակը ծածկված էր խավոտ մորթիներով և ծիածանի բոլոր երանգների տարօրինակ գորգերով, բերված, հավանորեն, ինչ֊որ արևմտյան շուկաներից։ Պատերին կախված էին յուղանկարներ ու քանդականկարներ, որոնց արժեքավորությունը նկատելի էր մինչև իսկ ինձ, չնայած իմ անփորձությանը։ Բռնցքամարտիկների, պարուհիների ու արշավաձիերի լուսանկարները հաշտ կերպով ապրում էին զգայական Ֆրագոնարի, Ժիրարդեի մարտատեսարանների և երազող Տերների[24] հետ։ Սակայն այդ պերճանքի մեջ կային և այլ իրեր, որոնք կենդանի կերպով հիշեցնում էին, որ լորդ Ջոն Ռոքստոնը մեր օրերի ամենանշանավոր որսորդներից ու սպորտսմեններից մեկն էր։ Բախարու վերևում խաչաձևված երկու թիակները՝ մուգ կապույտ ու կարմիր, խոսում էին Օքսվորդում մի ժամանակ թիավարությամբ տարվելու մասին, իսկ նույն տեղում կախված մարտասուսերներն ու բռմցքամարտի ձեռնոցները վկայում էին, որ դրանց տերը դափնիներ է վաստակել նաև այդ բնագավառներում։ Ողջ սենյակը, ճարտարապետական ֆրիզի նման, գոտևորում էին աշխարհի բոլոր ծայրերից բերված խոշոր գազանների գլուխները, իսկ այդ հոյակապ հավաքածուի մարգարիտը կազմում էր շրթունքը գոռոզությամբ դուրս ցցած մի հազվագյուտ սպիտակ ռնգեղջույրի գլուխ։
Սենյակի մեջտեղում կարմիր խավոտ գորգի վրա դրված էր Լյուդովիկոս XV֊ի դարաշրջանի մի սև սեղան՝ ոսկե դրվագումներով՝ անտիկվարային մի սքանչելի իր, որը սրբապղծորեն ծածկված էր գավաթների հետքերով և սիգարի մնացորդների այրվածքներով։ Սեղանի վրա մի արծաթե մատուցարան կար՝ ծխելու պարագաներով և շշերով լի, և խիստ մաքրված մի պահարանիկ։ Լռակյաց տանտերն իսկույն լցրեց երկու բարձր գավաթ և վրան սիֆոնից սոդայաջուր ավելացրեց։ Ձեռքով ցույց տալով բազկաթոռը, նա իմ գավաթը դրեց փոքրիկ սեղանին և մի երկար, ողորկ սիգար մեկնեց ինձ։ Հետո նստեց դեմուդեմ և ինձ վրա հառեց իր տարօրինակ կապույտ աչքերի ուշադիր հայացքը, աչքեր, որոնք առկայծում էին, ինչպես լեռնային սառցապատ լիճը։
Սիգարի ծխի նուրբ շղարշի միջով ես զննում էի նրա դեմքը, որ ծանոթ էր ինձ բազմաթիվ լուսանկարներից՝ սապատավոր քիթ, նիհար, փոս ընկած աչքեր, մուգ կարմրաշեկ մազեր, որոնք գագաթին արդեն նոսրացել են, ոլորված բեղեր, փոքրիկ, բայց գրգռիչ այծմորուք։ Նրա մեջ ինչ֊որ բան կար և՛ Նապոլեոն III֊ից, և՛ Դոն Կիխոտից, և՛ տիպիկ անգլիական ջենտլմենից, որը սպորտի, շների և ձիերի սիրահար է։ Արևն ու քամին պղնձի պես կարմրացրել էին նրա մաշկը։ Ցած կախված թավ հոնքերը նրա առանց այն էլ սառը աչքերին համարյա կատաղի արտահայտություն էին տալիս, իսկ կնճիռներով ակոսված ճակատը միայն խորացնում էր հայացքի այդ կատաղիությունը։ Նրա մարմինը նիհարավուն էր, բայց ամուր, իսկ ինչ վերաբերում է անխոնջությանը և ֆիզիկական դիմացկունությանը, ապա շատ անգամներ ապացուցված էր, որ այդ ուղղությամբ Անգլիայում նա քիչ մրցակիցներ ունի։ Չնայած իր վեց ոտնաչափից ավելի բարձրության, նա թվում էր միջահասակ․ դրա պատճառը մի փոքր կորացածությունն էր։
Այդպիսին էր նշանավոր լորդ Ռոքստոնը, որն այժմ սիգարը ծամելով, ուշադիր զննում էր ինձ և ոչ մի խոսքով չէր խանգարում երկարող անհարմար լռությունը։
― Դե, ― վերջապես խոսեց նա, ― արդեն նահանջել չի կարելի, սիրելի երիտասարդ։ Այո, մենք գլխապատառ ցատկեցինք դեպի ինչ֊որ անհայտություն։ Բայց երբ դուք դահլիճ մտաք, հավանորեն, այդ բանը ձեր մտքովն իսկ չէր անցնում։
― Չէի էլ երևակայում։
― Ճիշտ որ, ես էլ չէի երևակայում։ Իսկ այժմ մենք մինչև ականջներս խրված ենք այդ պատմության մեջ։ Տեր իմ աստված, բայց ախր ընամենը երեք շաբաթ է, ինչ ես վերադարձել եմ Ուգանդայից, նոր եմ Շոտլանդիայում կոտեջ վարձել, պայմանագիր ստորագրել և հանկարծ այդպիսի բաներ։ Այ քեզ գո՜րծ։ Երևի ձեր բոլոր ծրագրե՞րն էլ քամուն տրվեցին։
Դե չէ, դա իմ արհեստն է․ ախր ես ժուռնալիստ եմ, աշխատում եմ «Դեյլի գազետ»֊ում։
― Այո, իհարկե, չէ՞ որ դուք այդ մասին ասացիք։ Ի դեպ, այստեղ մի գործ կա․․․ Չե՞ք հրաժարվի օգնել։
― Սիրով կօգնեմ։
― Միայն թե վտանգավոր է․․․ Նախքան համաձայնելը լավ մտածեցեք։
― Իսկ ինչո՞ւմն է վտանգը։
― Ես ձեզ պետք է տանեմ Բիլլինգերի մոտ, ահա թե ինչ։ Լսե՞լ եք նրա մասին։
― Ոչ։
― Ի՞նչ եք ասում, երիտասարդ, դուք որ աշխարհում եք ապրում։ Սըր Ջոն Բիլլինգերը մեր լավագույն ժոկեյն է։ Ուղիղ ճամփի վրա ես դեռ կարող եմ նրա հետ չափվել, բայց արգելակներով մրցավազքում նա ինձ իսկույն գրպանը կդնի։ Ահա, ուրեմն, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երբ Բիլլինգերը վերջացնում է վարժեցումը, սկսում է խմել։ Այդ բանը նրա մոտ կոչվում է «գիծը շտկել»։ Երեքշաբթի օրը նա կոնծել էր մինչև աչքերի առաջ մթնելը և մինչև հիմա մոլեգնում է։ Նրա սենյակը ճիշտ իմի վերևումն է։ Բժիշկներն ասում են, որ եթե խեղճին թեկուզ ուժով չկերակրես, կորած է։ Սույն ջենտլմենի ծառաները գործադուլ են հայտարարել, քանի որ նա պառկած է մահճակալին, լցրած ատրճանակը ձեռքում և սպառնում է բոլոր վեց գնդակներն էլ շարել առաջին պատահած մարդու կրծքին, ով կխցկվի նրա մոտ։ Պետք է ասել, որ ընդհանրապես Ջոնը անզիջում մարդ է և, բացի դրանից, անվրեպ կրակող, բայց հո չի կարելի թույլ տալ, որ ազգային Մեծ մրցանակը շահող ժոկեյը կորչի այդպիսի անփառունակ մահով։ Ինչպե՞ս եք նայում այս բանին։
― Իսկ դուք ի՞նչ եք մտադիր ձեռնարկել, ― հարցրի ես։
― Ավելի լավ է հարձակվել նրա վրա երկուսով։ Միգուցե այժմ նա քնած է։ Վատագույն դեպքում մեզնից մեկը կվիրավորվի, մինչդեռ մյուսը կկարողանա նրան կաշկանդել։ Եթե մեզ հաջողվի նրա ձեռքերը կապկպել բազմոցի ծածկոցով, իսկ հետո հեռախոսով շտապ բժիշկ կանչել ստամոքսային զոնդով, մեր աղավնյակը մի լավ կընթրի։
Երբ մարդու գլխին անսպասելիորեն այսպիսի խնդիր է փլվում՝ ուրախանալու հարկ չկա։ Ես ինձ շատ էլ կտրիչ չեմ համարում։ Ամեն մի նոր, անստույգ բան նախապես շատ ավելի զարհուրելի է թվում ինձ, քան լինում է իսկապես։ Այդպիսին է մաքուր իռլանդական վառ երևակայության հատկությունը։ Մյուս կողմից, ինձ միշտ էլ վախեցրել է այն միտքը, թե ես կարող եմ մեղադրվել խայտառակ վախկոտության մեջ, որովհետև փոքրուց նրա հանդեպ զարհուրանք եմ ներշնչել ինձ։ Համարձակվում եմ ասել, որ եթե մեկնումեկը կասկածեր իմ քաջությանը, ես կարող էի անդունդ նետվել, բայց ոչ թե քաջությունը կդրդեր ինձ այդ բանին, այլ հպարտությունը և վախկոտ համարվելու երկյուղը։ Ուստի, չնայած ես մտովի ցնցվեցի՝ պատկերացնելով վերևում խմելուց ցնդած մի արարածի, բայց և այնպես կարողացա այնքան զսպել ինձ, որպեսզի համաձայնությունս տամ ամենաանփույթ եղանակով, որին միայն ընդունակ էի։ Լորդ Ռոքստոնն սկսեց նկարագրել մեր առաջիկա խնդրի վտանգավորությունը, բայց այդ միայն համբերությունից հանեց ինձ։
― Խոսելով գործին չես օգնի, ― ասացի ես։ ― Գնանաք։
Ես ոտքի կանգնեցի, նա էլ իմ ետևից։ Հետո, կարճ ծիծաղելով, նա բռունցքով բոթեց կրծքիս և նորից նստեցրեց բազկաթոռին։
― Լավ, երիտասարդ․․․ համարել պիտանի։
Զարմանքով աչքերս չռեցի նրա վրա։
― Այսօր առավոտյան ես ինքս Ջոն Բիլլինգերի մոտ էի։ Նա կրակեց ինձ վրա և ընդամենը ծակեց իմ կիմոնոն՝ փառք աստծու, ձեռքերը դողում էին։ Բայց մենք այնուամենայնիվ զսպաշապիկ հագցրինք նրան, այնպես որ մի քանի օրից հետո ծերուկը լիովին առողջացած կլինի։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում, աղավնյակս։ Մեր մեջ ասած, դեպի Հարավային Ամերիկա կատարվող այս էքսպեդիցիան չափազանց լուրջ գործ է, և ես ուզում եմ այնպիսի ուղեկից ունենալ, որին կարելի է վստահել։ Ուստի ես մի փոքրիկ քննություն սարքեցի ձեզ համար և պետք է ասեմ, որ դուք պատվով դուրս եկաք այդ դրությունից։ Հասկանում եք անշուշտ, որ մենք ստիպված կլինենք հույսներս դնել միայն մեզ վրա, որովհետև այդ ծերուկ Սամերլիին առաջին իսկ քայլերից դայակ հարկավոր կլինի։ Ի դեպ, դուք այն Մելոունը չե՞ք, որը պետք է խաղա իռլանդական խմբում ռեգբիի առաջնության համար։
― Այո, բայց, հավանորեն, իբրև պահեստի խաղացող։
― Ասեմ, ախր, որ ինձ թվաց, թե մի տեղ ձեզ տեսել եմ։ Ձեր հանդիպումը ռիչմոնդցիների հետ՝ ամբողջ սեզոնի լավագույն խաղն էր։ Ես աշխատում եմ ռեգբիի ոչ մի խաղ բաց չթողնել, չէ՞ որ դա սպորտի ամենաանվեհեր տեսակն է։ Սակայն ես ձեզ հրավիրեցի բոլորովին էլ ոչ նրա համար, որպեսզի ռեգբիի մասին խոսեմ։ Զբաղվենք գործով։ Ահա այստեղ, «Թայմսի» առաջին էջում, շոգենավերի չվացուցակն է։ Շոգենավը մինչև Պարա[25] մեկնում է չորեքշաբթի օրը, և եթե դուք պրոֆեսորի հետ պատրաստ լինեք, մենք այդ շոգենավով էլ կգնանք։ Դե, համաձա՞ն եք։ Լավ, ես ամեն ինչի մասին կխոսեմ նրա հետ։ Իսկ ինչպե՞ս է ձեր հանդերձանքի հարցը։
― Այդ մասին կհոգա իմ թերթը։
― Դուք կրակել կարողանո՞ւմ եք։
― Մոտավորապես տերիտորիալ զորքերի միջակ հրաձքի նման։
― Միա՞յն։ Աստվա՞ծ իմ։ Դուք, երիտասարդներդ, դա համարում եք անկարևոր մի բան։ Բոլորդ էլ անխայթոց մեղուներ եք։ Այդպիսիները չեն կարող պահպանել իրենց փեթակը։ Այ, կհիշեք իմ խոսքը․ որևէ մեկը մեղրի համար ներս կընկնի ձեզ մոտ, և տեսնենք ինչ կանեք այդ ժամանակ։ Ոչ, Հարավային Ամերիկայում պետք է զենքի հետ հմտորեն վարվել, որովհետև, եթե մեր բարեկամ պրոֆեսորը խաբեբա և խելագար չէ, մեզ այնտեղ խիստ հետաքրքրական բաներ են սպասում։ Ի՞նչ զենք ունեք։
Լորդ Ռոքստոնը մոտեցավ կաղնեփայտե պահարանին, բացեց դռնակը, և ես տեսա երգեհոնի խողովակների նման իրար կողքի շարված հրացանների մետաղափայլ փողերը։
― Հիմա տեսնենք, թե ինչ կարող եմ զոհաբերել ձեզ համար իմ զինանոցից, ― ասաց լորդ Ռոքստոնը։
Նա սկսեց իրար ետևից դուրս հանել հոյակապ հրացաններ․ բացում էր դրանք, փակաղակները չրխկացնում և, քնքշորեն շոյելով, ինչպես մայրն իր ձագուկներին, նորից դնում էր տեղները։
― Ահա սա «բլենդ» է։ Սրանով ես տապալեցի ահա այն հսկային։ ― Նա նայեց դեպի սպիտակ ռնգեղջույրի գլուխը։ Մի տասը քայլ մոտիկ լինեի, այդ գազանն ինձանով կլարցներ իր հավաքածուն։ Հուսով եմ, որ դուք լա՞վ եք ճանաչում Գորդոնին։
Գնդակն է միակ իմ հույսը,
Թույլերի պաշտպանն է նա։
Դա մի բանաստեղծ է, որը գովերգում է ձիուն, հրացանը և նրանց, ովքեր կարողանում են վարվել թե՛ մեկի և թե՛ մյուսի հետ։ Ահա ևս մի օգտակար իր՝ հեռադիտակային նշանացույց, կրկնաէժեկտոր, հիանալի նշանառություն։ Երեք տարի առաջ ես այս հրացանով դուրս եկա պերուական ստրկավաճառների դեմ։ Այն վայրերում ինձ անվանում էին աստծու խարազան, չնայած դուք իմ անունը ոչ մի Կապույտ գրքում չեք գտնի։ Լինում են ժամանակներ, աղավնյակս, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հանդես գալ ի պաշտպանություն մարդկային իրավունքների և արդարության, որպեսզի իր նկատմամբ հարգանքը չկորցնի։ Ահա թե ինչու ես այնտեղ մի տեսակ պատերազմ էի մղում սեփական ռիսկով։ Ինքս այն հայտարարեցի, ինքս կռվում էի, ինքս էլ հասցրի իր վախճանին։ Ամեն մի խազը իմ կողմից սպանված մի սրիկա է։ Տեսեք, մի ողջ սանդուղք է։ Ամենամեծ նշանն արվել է այն ժամանակ, երբ ես Պուտումայոյի գետնախորշերից մեկում սպանեցի Պեդրո Լոպեսին՝ ստրկավաճառներից խոշորագույնին․․․ Իսկ ահա սա ձեզ կսազի։
Նա պահարանից հանեց մի հիանալի, արծաթազարդ հրացան։
― Նշանացույցը միանգամայն ճիշտ է, պահեստատուփը՝ հինգ փամփուշտի։ Ձեր կյանքը համարձակորեն կարող եք վստահել սրան։
Լորդ Ռոքստոնը հրացանը մեկնեց ինձ և պահարանը փակեց։
― Ի դեպ, ― շարունակեց նա՝ նորից նստելով բազկաթոռին, ― ի՞նչ գիտեք այդ պրոֆեսոր Չելենջերի մասին։
― Ես այսօր կյանքում առաջին անգամ տեսա նրան։
― Ես նույնպես։ Տարօրինակ է, չէ՞, որ մենք պատրաստվում ենք ճանապարհորդության՝ հավատալով մեզ բոլորովին անծանոթ մի մարդու խոսքերին։ Նա, կարծեմ, բավականաչափ հանդուգն անձնավորություն է և սեր չի վայելում իր եղբայրակից գիտնականների շրջանում։ Ինչո՞ւ հետաքրքրվեցիք նրանով։
Ես համառոտակի պատմեցի առավոտյան իրադարձությունների մասին։ Լորդ Ռոքստոնը ուշադիր լսեց ինձ, հետո բերեց Հարավային Ամերիակայի քարտեզը և փռեց սեղանին։
― Չելենջերը ճիշտ է ասում, զուտ ճշմարտություն, ― լրջությամբ ասաց նա։ ― Եվ, ի նկատի ունեցեք, ես այդ պնդում եմ ոչ առանց մտածելու։ Հարավային Ամերիկան իմ սիրած երկիրն է, և, եթե, ասենք, կտրես անցնես այն Դարյենի ծոցից մինչև Հրո Երկիրը, դրանցից ամվելի մեծասքանչ ու փարթամ վայրեր չես գտնի ողջ երկրագնդի վրա։ Այդ երկիրը քիչ գիտեն, իսկ թե ինչպիսի ապագա է դպասում նրան՝ ոչ ոք չի էլ գուշակում։ Ես լայնությամբ ու երկայնությամբ ոտի տակ եմ տվել Հարավային Ամերիկան, երաշտի ժամանակ երկու անգամ եղել եմ այն վայրերեում, ուր պատերազմել եմ ստրկավաճառների դեմ, որի մասին արդեն պատմեցի ձեզ։ Եվ իրոք, այնտեղ լեգենդներ եմ լսել նման թեմաներով։ Դրանք ընդամենը միայն հնդկական ավանդություններ են, որոնց ետևում, սակայն, ինչ֊որ բան թաքնված է անպայմանորեն։ Որքան մոտիկից ես ճանաչում Հարավային Ամերիկան, բարեկամս, այնքան ավելի ես սկսում հավատալ, որ այդ երկրում ամեն ինչ հնարավոր է, վճռականապես ամեն ինչ։ Մարդիկ այնտեղ շարժվում են նեղլիկ գետակներով, իսկ նրանց ետևից սկսվում է լիակատար անհայտությունը։ Ահա այստեղ, Մարո֊Գրոսս սարահարթում, ― նա սիգարով քարտեզի վրա ցույց տվեց տեղը, ― կամ այս անկյունում, ուր երեք պետության սահմաններն իրար են հանդիպում, ոչ մի բան ինձ չի զարմացնի։ Ինչպես ասաց այսօր Չելենջերը, Ամազոնը ոռոգում է հիսուն հազար քառակուսի մղոն տարածություն, որը ծածկված է արևադարձային անտառներով, մի տարածություն, որը համարյա հավասար է Եվրոպային։ Չհեռանալով Բրազիլական ջունգլիներից՝ մենք կարող ենք գտնվել իրարից այնպիսի հեռավորության վրա, որն ընկած է Շոտլանդիայի և Կոստանդնուպոլսի միջև։ Մարդը միայն որոշ տեղերում է կարողացել անցնել այդ թավուտների միջով և արահետներ թողնել։ Հապա ի՜նչ է լինում անձրևների շրջանում։ Ամազոնի ջրի մակարդակը բարձրանում է ամենաքիչը քառասուն ոտնաչափ և շուրջն ամեն ինչ վերածում անանցանելի ճահճուտների։ Հենց այդպիսի երկրում էլ պետք է սպասել ամեն տեսակ հրաշքներ ու գաղտնիքներ։ Եվ ինչո՞ւ մենք չպիտի լուծենք այդ գաղտնիքները։ Այդ ամենից բացի, ― լորդ Ռոքստոնի տարօրինակ դեմքը լուսավորվեց գոհունակության ժպիտով, ― այնտեղ ամեն քայլափոխին հարկ կլինի կյանքը վտանգի ենթարկել, իսկ ինձ իբրև սպորտսմենի, ուրիշ բան պետք էլ չէ։ Ես նման եմ գոլֆի հին գնդակի՝ սպիտակ ներկն իմ վրայից վաղուց թափվել է, այնպես որ այժմ կյանքն ինչպես կամենա, կարող է վարվել ինձ հետ, քերծվածքներ չեն մնա։ Իսկ ռիսկը, սիրելի երիտասարդ, հատուկ սրություն է հաղորդում մեր գոյությանը։ Միայն այդ ժամանակ արժե ապրել։ Մենք շատ ենք քնքշացել, խամրել, վարժվել ենք բարեկեցության։ Ոչ, տվեք ինձ մի հրացան, անսահման տարածություններ և հորիզոնի անպարփակ լայնությունը, և ես ճամփա կընկնեմ որոնելու այն, ինչը արժե որոնել։ Ինչե՜ր ասես, որ չեմ փորձել իմ կյանքում՝ և կռվել եմ, և՛ մասնակցել ձիարշավների, և՛ սավառնակով թռել, սակայն հրեշների որսը, հրեշներ, որոնց կարող ես տեսնել միայն ծանր ընթրիքից հետո, երազում՝ այդ բանն ինձ համար բոլորովին նոր զգացողություն է։
Նա ուրախ ծիծաղեց՝ կանխաճաշակելով այն, ինչ սպասում էր նրան առաջիկայում։
Միգուցե ես չափից դուրս տարվեցի իմ նոր ծանոթի նկարագրությամբ, բայց մենք շատ օրեր միասին ենք անցկացնելու, ուստի ուզում եմ այդ մարդուց ստացած իմ առաջին տպավորությունը հաղորդել նրա բնավորության, խոսքի և մտածողության բոլոր առանձնահատկություններով։
Միայն ժողովի մասին խմբագրությանը հաշվետվություն տանելու անհրաժեշտությունն ինձ ստիպեց թողնել լորդ Ռոքստոնի ընկերակցությունը։ Երբ ես հեռացա, նա նստած էր լամպի կարմրավուն լույսով ողողված բազկաթոռին, յուղում էր իր սիրած հրացանի փակաղակը և կամացուկ ծիծաղում, մտածելով այն արկածների մասին, որ ճակատագիրը պատրաստել էր մեզ համար։ Ես եկա այն հաստատ համոզման, որ եթե մեզ վտանգներ են սպասում, ապա լորդ Ռոքստոնից ավելի սառնարյուն ու խիզախ ուղեկից ամբողջ Անգլիայում չեմ կարող գտնել։
Որքան էլ ինձ հոգնեցրել էին այդ օրվա արտասովոր դեպքերը, այնուամենայնիվ, ես երկար նստեցի «Վերջին նորությունների» բաժնի խմբագիր Մակ֊Արդլի հետ, բացատրլով նրան բոլոր հանգամանքները, որոնց մասին նա անհրաժեշտ էր համարում վաղն ևեթ տեղյակ պահել մեր պատրոնին՝ սըր Ջորջ Բոմոնտին։ Պայմանավորվեցինք, որ ես Մակ֊Արդլին նամակի ձևով մանրամասն հաշվետվություններ կուղարկեմ իմ բոլոր արկածների մասին, որոնք կտպագրվեն թերթում կամ ստանալուց հետո անմիջապես, կամ հետագայում՝ նայած պրոֆեսոր Չելենջերի վավերացման, քանի որ մենք դեռ չգիտեինք, թե որոնք են լինելու այն պայմանները, որոնց շնորհիվ նա կհամաձայնի Անհայտ երկիրը ճանապարհորդելու համար անհրաժեշտ տեղեկություններ տալ մեզ։ Ի պատասխան հեռախոսով արած մեր հարցման, մենք պրոֆեսորից այլ բան չլսեցինք, բացի մամուլի հասցեին կատաղի հարձակումներից, բայց հետո նա այնուամենայնիվ ասաց, որ եթե իրեն տեղյակ պահեն մեր մեկնելու օրը և ժամը, ինքը նավ կբերի այն հրահանգները, որ անհրաժեշտ կհամարի։ Մեր երկրորդ հարցումը մնաց բոլորովին անպատասխան, եթե չհաշվենք միսիս Չելենջերի խղճալի թոթովանքը, որով աղաչում էր այլևս չնեղել իր ամուսնուն, որովհետև նա առանց այն էլ չափից դուրս զայրացած է։ Երրորդ փորձը, որ արեցինք նույն օրոը, ընդհատվեց խլացուցիչ շրխկոցով, որից հետո շուտով կենտրոնական հեռախոսակայանը հայտնեց, որ պրոֆեսոր Չելենջերի հեռախոսի լսափողը ջարդված է։ Դրանից հետո այլևս չփորձեցինք խոսել նրա հետ։
Իսկ հիմա, իմ համբերատար ընթերցողներ, ես վերջացնում եմ խոսակցությունը ձեզ հետ։ Այսուհետև, (եթե միայն այս պատմության շարունակությունը երբևէ կհասնի ձեզ) դուք իմ հետագա արկածների մասին կիմանաք թերթի միջոցով։ Ես խմբագրին կհանձնեմ այն դեպքերի հաշվետվությունը, որոնք խթան հանդիսացան աշխարհին հայտնի ամենանշանավոր էքսպեդիցիաներից մեկին, և եթե ինձ չվիճակվի վերադառնալ Անգլիա, դուք կհասկանաք, թե այդ ամենը ինչպես կատարվեց։
Ես իմ հաշվետվությունը կավարտեմ «Ֆրանցիսկ» շոգենավի սալոնում։ Լոցմանը այն կվերցնի իր հետ և կհանձնի Մակ֊Արդլին՝ պահպանելու։ Վերջում, քանի դեռ ծոցատետրս չեմ փակել, թույլ տվեք մի տեսարան ևս նկարագրել, տեսարան, որը կմնա հիշողությանս մեջ իբրև վերջին հիշողությունը հայրենիքի մասին։
Գարնան վերջն է, խոնավ, ամպամած առավոտ, բարակ, ցուրտ անձրև է մաղում։ Գետափով քայլում են փայլուն մակինտոշ հագած երեք մարդ։ Նրանք ուղղվում են դեպի մի մեծ շոգենավի կամրջակը։ Շոգենավի վրա արդեն կապույտ դրոշակ է բարձրացված։ Նրանց առջևից գնում է մի բեռնակիր՝ քաշելով ճամպրուկներով, պայուսակներով, պատյանի մեջ դրված հրացաններով բեռնված ձեռնասայլակը։ Երկարահասակ պրոֆեսոր Սամերլին քայլում է վհատ տեսքով, ոտքերը քարշ տալով ու գլուխը կախ, որպես մի մարդ, որը դառնորեն զղջում է իր արածի համար։ Լորդ Ջոն Ռոքստոնը քայլում է թեթև, որսորդական կեպին գլխին և կաշնեն վզին գցած, և նրա առույգ, նուրբ դեմքը երջանկությունից փայլում է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բոլորովին չեմ կասկածում, որ ողջ իմ տեսքով ուրախություն եմ արտահայտում․ չէ՞ որ հրաժեշտի դառնությունն ու մեկնելուց առաջ տեղի ունեցող իրարանցումը մնացի ետևում։
Արդեն բոլորովին շոգենավի մոտ ենք, և հանկարծ ետևից լսուվում է ինչ֊որ մեկի ձայնը։ Դա պրոֆեսոր Չելենջերն է, որը խոստացել է մեզ ուղեկցել։ Նա վազում է ծանր փնչացնելով, ամբողջովին կարմրած և սարսափելի կերպով զայրացած։
― Ո՛չ, շնորհակալ եմ, ― ասում է պրոֆեսորը։ ― Ոչ մի ցանկություն չունեմ նավի վրա բարձրանալու։ Ուզում եմ մի քանի խոսք ասել ձեզ, իսկ այդ կարելի է ասել նաև այստեղ։ Խնդրեմ մի երևակայեք, որ ձեր մեկնելով մի մեծ շնորհ եք անում։ Դա ինձ համար միևնույն է, և ես բոլորովին պարտավորված չեմ համարում ինձ։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և բոլոր այն հետազոտությունները, որ դուք պատրաստվում եք կատարել, ոչ մի կերպ չեն ազդի նրա վրա և կարող են միայն տգետների կրքերը բորբոքել։ Ձեզ անհրաժեշտ տեղեկություններն ու իմ հրահանգները գտնվում են ահա այս կնքված ծրարում։ Դուք այն բաց կանեք, երբ հասնեք Ամազոնի ափին գտնվող Մանաոս քաղաքը, սակայն ոչ շուտ ծրարի վրա նշված ամսաթվից ու ժամից։ Հասկանալի՞ է։ Վստահ եմ ձեր օրինապահությանը և հուսով եմ, որ իմ բոլոր պայմանները ճշտորեն կկատարվեն։ Միստր Մելոուն, ես մտադիր չեմ արգելք դնել ձեր թղթակցությունների վրա, քանի որ ձեր ճանապարհորդության նպատակն է գործի փաստական կողմի լուսաբանումը։ Միայն մի բան եմ պահանջում ձեզանից․ ճշգրիտ մի նշեք, թե ո՞ւր եք գնում, և թույլ մի տվեք մինչև ձեր վերադարձը արշավախմբի մասին հաշվետվություն հրապարակել։ Գնաք բարով, սըր։ Ձեզ հաջողվեց մի փոքր մեղմացնել իմ վերաբերմունքը դեպի այն արգահատելի մասնագիտությունը, որի ներկայացուցիչն եք դուք, դժբախտաբար։ Գնաք բարով, լորդ Ջոն։ Որքան ինձ հայտնի է, գիտությունը ձեզ համար յոթ կնիքով կնքված գիրք է։ Սակայն այն տեղերի որսորդությունից դուք գոհ կմնաք։ Չեմ կասկածում, որ ժամանակին, «Որսորդ»֊ի էջերում երևան կգա ձեր հոդվածն այն մասին, թե ինչպես եք դիմորֆոդոն[26] խփել։ Դուք ևս գնաք բարով, պրոֆեսոր Սամերլի։ Եթե ձեր մեջ դեռ չեն սպառվել ինքնակատարելագործման ընդութնակությունները, որում, անկեղծորեն ասած, ես կասկածում եմ, ապա դուք Լոնդոն կվերադառնաք զգալիորեն խելոքացած։
Նա կտրուկ շուռ եկավ, և մի րոպե հետո ես տախտակամածից տեսա նրա կարճլիկ ֆիգուրան, որն ամբոխի միջով անցնում էր դեպի գնացքը։
Մենք արդեն դուրս եկանք Լա֊Մանշ։ Հնչում է վերջին զանգը, որն ազդարարում է, թե նամակները հանձնելու ժամն է։ Այժմ մենք հրաժեշտ ենք տալիս լոցմանին։
Իսկ հիմա «առա՛ջ, շոգենավ, լողա դեպի առա՛ջ»։ Թող աստված պահպանի մեզ բոլորիս՝ և՛ նրանց, որ մնացին ափին, և՛ նրանց, ով հույս ունի բարեհաջող կերպով տուն վերադառնալ։
Գլուխ VII «Վաղը մեկնում ենք դեպի անհայտը»
Նրանց, ում կհասնի այս պատմությունը, ես չեմ ձանձրացնի մեր ճանապարհորդության նկարագրությամբ օվկիանոսային հարմարավետ շոգենավով, չեմ խոսի Պարայում անցկացրած շաբաթվա մասին (կսահմանափակվեմ միայն շնորհակալություն հայտնելով «Պերեյրա֊դա֊Պինտա» ընկերությանը, որն այնպիսի անգնահատելի օգնություն ցույց տվեց մեզ հանդերձանք գնելիս), և միայն համառոտակի կհիշատակեմ լայնարձակ, պղտոր, ծույլ Ամազոնով հոսանքն ի վեր կատարած մեր ճանապարհորդության մասին մի նավով, որն իր չափերով համարյա չէր զիջում նրան, որով կտրեցինք Ատլանտյան ովկիանոսը։
Երկար օրերի ճանապարհից հետո մեր խումբը իջավ Օրիդուսի նեղուցի մոտ, Մանաոս քաղաքում։
Այնտեղ մեզ հաջողվեց, շնորհիվ Բրիտանա֊Բրազիլական առևտրական ընկերության գործակալ Շորտմենի սիրալիրության, խույս տալ տեղի հյուրանոցի խիստ կասկածելի հրաշալիքներից։ Մենք ապրեցինք նրա հյուրընկալ հասիենդում[27] մինչև այն ժամանակը, որը ցույց էր տրված պրոֆեսոր Չելենջերի՝ մեզ հանձնված ծրարի վրա։ Նախքան այդ օրվա անսպասելի դեպքերի նկարագրությանն անցնելը, կուզենայի մի փոքր ավելի մանրամասն պատկերել իմ ընկերներին և այն մարդկանց, որոնց հավաքագրեցինք Հարավային Ամերիկայում՝ մեր արշավախմբին սպասարկելու համար։ Ես գրում եմ լիակատար անկեղծությամբ, հույս ունենալով ձեր հատուկ խոհեմության վրա, միստր Մակ֊Արդլ, քանի որ մինչև լույս ընծայվելն այդ նյութը անցնելու է ձեր ձեռքով։
Պրոֆեսոր Սամերլիի գիտական ծառայությունները շատ լավ հայտնի են բոլորին, դրանց մասին ծավալվելու հարկ չկա։ Պարզվեց, որ նա շատ ավելի լավ էր հարմարված այսպիսի ծանր արշավախմբի, քան կարելի էր ենթադրել առաջին հայացքից։ Նրա երկար, մկանուտ մարմինը հոգնածություն չգիտե, իսկ չոր, ծաղրական և երբեմն էլ պարզապես թշնամական խոսելաձևը մնում է անփոփոխ ամեն մի պարագայում։ Չնայած իր վաթսունհինգ տարիներին, նա ոչ մի անգամ չգանգատվեց դժվարություններից, որոնց մենք հաճախ հանդիպեցինք։ Սկզբում ես վախենում էի, թե պրոֆեսոր Սամերլին ծանր բեռ է դառնալու մեզ համար, բայց, ինչպես հետագայում պարզվեց, նրա դիմացկունությունը ոչնչով չի զիջում իմին։ Սամերլին մաղձոտ մարդ է և մեծ հոռետես։ Նա հարկ չի համարում թաքցնել իր այն հաստատ համոզմունքը, որ Չելենջերը մաքուր շառլատան է, և որ մեր խելահեղ, վտանգավոր խաղը ոչինչ չի տա մեզ, բացի հիասթափություններից՝ Հարավային Ամերիկայում, և ծաղրից՝ Անգլիայում։ Պրոֆեսոր Սամերլին անխոնջ կերպով կրկնում էր այդ բանը ամբողջ ճանապարհին, սկսած Սաուտհեմպտոնից մինչև Մանաոս, դեմքն արհամարհանքով ծամածռելով և ցնցելով իր ցանցառ, այծային մորուքը։
Երբ մենք ափ իջանք, նրան մի փոքր մխիթարեց Հարավային Ամերիկայի թռչունների և միջատների աշխարհի հոյակապությունն ու հարստությունը, քանի որ նա ամբողջ հոգով նվիրված է գիտությանը։ Այժմ պրոֆեսոր Սամերլին վաղ առավոտից կորչում է անտառում, որսի հրացանը ուսին, թիթեռ բռնելու ցանցը ձեռքին, իսկ երեկոները կարգավորում է ձեռք բերած օրինակները։ Նրան հատուկ տարօրինակություններից նշեմ հագուստի մշտական անփութությունը, լիակատար անուշադրությունն իր արտաքինի հանդեպ, ծայրահեղ ցրվածությունն ու կրքոտ սերը դեպի իր կարճ փրփրահանքե ծխամորճը, որ նա համարյա բերանից չի հանում։ Երիտասարդ հասակում պրոֆեսորը մասնակցել է մի քանի գիտական արշավախմբերի (Ռոբերտսոնի հետ, օրինակ, եղել է Ավստրալիայում), և դրա համար էլ թափառական կյանքը նրա համար նորություն չէ։
Լորդ Ջոն Ռոքստոնը ինչ֊որ ընդհանուր բան ունի պրոֆեսոր Սամերլիի հետ, սակայն ըստ էության նրանք ուղղակի իրար հակադիր բնավորություններ են։ Չնայած լորդ Ջոնը մի քսան տարով ավելի ջահել է, բայց և այնպես նրա մարմինն էլ նույնքնա վառված է ու ոսկրոտ, որքան պրոֆեսորինը։ Հիշում եմ, որ ես մանրամասնորեն նկարագրել եմ նրա արտաքինը պատմության այն մասում, որը մնաց Լոնդոնում։ Նա խիստ մաքրասեր է, հետևում է իրեն, հագնում է սովորաբար սպիտակ շորեր, դարչնագույն կիսակոշիկներ և սափրվում է ոչ պակաս, քան օրը մի անգամ։ Ինչպես համարյա գործողության ամեն մի մարդ, լորդ Ջոնը ևս սակավախոս է և հաճախ է մտքերի մեջ ընկնում, բայց իրեն ուղղված հարցերին պատասխանում է իսկույն և հաճույքով է մասնակցում ընդհանուր զրույցին, համեմելով այն կցկտուր, զվարճալի ռեպլիկներով։ Զանազան երկրների և հատկապես Հարավային Ամերիկայի ընդարձակ իմացությամբ նա պարզապես ապշեցնում է բոլորիս, իսկ ինչ վերաբերում է մեր արշավախմբին, ապա նա ամբողջ սրտով հավատում է դրա նպատակահարմարությանը, առանց շփոթվելու պրոֆեսոր Սամերլիի ծաղրական դիտողություններից։ Լորդ Ռոքստոնի ձայնը մեղմ է, շարժուձևը՝ հանգիստ, բայց նրա կապույտ, առկայծող աչքերը վկայում են, որ նա ընդունակ է կատաղության հասնելու և դաժան որոշումներ ընդունելու, իսկ նրա սովորական զսպվածությունը միայն ընդգծում է, թե այդ մարդը որքան վտանգավոր կարող է լինել զայրույթի պահերին։ Նա չի սիրում երկար խոսել դեպի Բրազիլիա և Պերու կատարած իր ճանապարհորդությունների մասին, ուստի իմ մտքով իսկ չէր անցնում, թե նրա հայտնվելն այդպես կարող է հուզել Ամազոնի ափերում ապրող բնիկներին։ Այդ մարդիկ նրա մեջ տեսնում են իրենց իրավունքների համար մարտնչողին և հուսալի պատշպանին։ Կարմրաշեկ առաջնորդի (այդպես են կոչում նրան այստեղ) սխրագործությունների շուրջն արդեն լեգենդներ են հյուսվել, սակայն ինձ համար բավական են նաև այն փաստերը, որոնք ես քիչ առ քիչ իմացա, և որոնք ինքնին ապշեցուցիչ են։
Այսպես, օիինակ պարզվեց, որ մի քանի տարի առաջ լորդ Ջոնը հայտնվել էր այն «ոչ ոքի հողում», որի գոյությունը բացատրվում է Պերույի, Բրազիլիայի և Կոլումբիայի միջև ընկած սահմանների անճշտությամբ։ Այդ ընդարձակ տարածության վրա առատորեն աճում է կաուչուկի ծառը, որը բնիկներին, ինչպես Կոնգոյում, ավելի քիչ չարիչ չի պատճառում, քան հարկադիր աշխատանքը Դարյենի արծաթի հանքերում իսպանացիների տիրապետության ժամանակ։ Մի բուռը սրիկա մետիսներ զավթել էին այդ ամբողջ շրջանը, զինել այն հնդկացիներին, որոնք համաձայնել էին նրանց օժանդակել, իսկ մնացածներին ստրկացրել և, անմարդկային տանջանքների տակ, հարկադրում էին կաուչուկի ծառերը կտրել և լուղարկել գետով դեպի Պարա։
Լորդ Ջոն Ռոքստոնը փորձել էր պատշպանել այդ դժբախտներին, սակայն, բացի սպառնալիքներից ու վիրավորանքներից, ոչ մի արդյունքի չէր հասել։ Այն ժամանակ նա բոլոր կանոնների համաձայն կռիվ էր հայտարարել ստրկավաճառների գլխավորին, մի ոմն Պեդրո Լոպեսի, հավաքել էր փախստական ստրուկներին, զինել նրանց և պատերազմական գործողություններ սկսել, որոնք վերջացել էին նրանով, որ վիժվածք մետիսը զոհվել էր նրա գնդակից, իսկ նրա գլխավորած ստրկատիրական սիստեմը ոչնչացվել։
Զարմանալի չէ, որ թավշաձայն, անբռնազբոս շարժումներով ու կարմրաշեկ մազերով այդ մարդը գրավել էր հարավամերիկյան մեծ գետի ափերի բնիկների ընդհանուր ուշադրությունը։ Սակայն նրա առաջացրած զգացումները, ինչպես և պետք էր սպասել, տարբեր էին․ բնիկները շնորհակալությամբ էին լցված նրա հանդեպ, իսկ նրանց երբեմնի ստրկացնողները՝ ատելությամբ։ Բրազիլիայում անցկացրած մի քանի ամիսները լորդ Ռոքստոնի համար անօգուտ չէին անցել․ նա ազատ կերպով տիրապետել էր տեղական բարբառին, որը բաղկացած էր մեկ երրոդով պորթուգալական և երկու երրորդով հնդկական բառերից։
Ես արդեն հիշատակել եմ, որ լորդ Ջոն Ռոքստոնը տառացիորեն երազում էր Հարավային Ամերիկայի մասին։ Այդ առթիվ խոսելիս նա հափշտակվում էր, և այդ հափշտակությունը վարակիչ էր, որովհետև նույնիսկ ինձ նման տգետի մոտ հետաքրքրություն էր արթնացնում դեպի այդ երկիրը։ Ինչպես՜ կուզենայի հաղորդել նրա պատմությունների հմայքը, որոնց մեջ ճշգրիտ իմացությունն այնպես սերտորեն էր միահյուսվում վառ երևակայության խաղերի հետ, որ մինչև իսկ պրոֆեսոր Սամերլին ուշադիր ականջ էր դնում և հոռետեսական ժպիտն աստիճանաբար հեռանում էր նրա նիհար, երկարավուն դեմքից։ Լորդ Ջոնը պատմում էր վեհասքանչ Ամազոնի պատմությունը։ Նա ուսումնասիրել էր դեռևս առաջին նվաճողների կողմից, որոնք այդ գետով լողացել էին մայր ցամաքի մի ծայրից մինչև մյուսը։ Բայց և այնպես մինչև այժմ էլ նա շատ ու շատ գաղտնիքներ է թաքցնում իր բարակ, շարունակ փոփոխվող ափագծից դենը։
― Ի՞նչ կա այնտեղ, այն կողմը, ― բացականչում էր լորդ Ջոնը, ձեռքը պարզելով դեպի հյուսիս։ ― Ճահճուտներ և անանցանելի ջունգլիներ։ Ով գիտե, թե այնտեղ ինչե՜ր են թաքնված։ Իսկ այնտե՞ղ, հարավո՞ւմ։ Ճահճային մացառուտներ, ուր դեռ սպիտակ մարդու ոտք չի դիպել։ Ամեն կողմից մեզ շրջապատում է անհայտությունը։ Ո՞վ կարող է հաստատ գիտենալ, թե ինչ կարելի է սպասել այս նեղ ափամերձ շերտից այն կողմ։ Կարելի՞ է երաշխավորել, թե ծերունի Չելենջերը սխալվում է։
Պրոֆեսոր Սամերլին այդպիսի խոսքերը գնահատում էր իբրև ուղղակի մարտահրավեր․ համառ ծաղրական ժպիտը նորից էր հայտնվում նրա դեմքին, նա հեգնորեն օրորում էր գլուխը, ծխի քուլաներ բաց թողնում ծխամորճից և ոչ մի խոսքով չէր խախտում թշնամական լռությունը։
Բայց բավական է խոսեմ իմ երկու սպիտակ ուղեկիցների մասին․ նրանց բնավորությունն ու թերությունները, ինչպես և իմը, երևան կգան հետագա պատմության ընթացքում։ Ավելի լավ է պատմեմ այն մարդկանց մասին, որոնք, թերևս, անկարևոր դեր չեն խաղալու ապագա իրադարձություններում։
Սկսենք Սամրո անունով աժդահա նեգրից։ Դա մի սևամորթ Հերկուլես է՝ ձիու նման աշխատասեր և օժտված մոտավորապես նույնպիսի բանականությամբ։ Մենք նրան վարձեցինք Պարայում այն նավային ընկերության հանձնարարականով, որի նավերի վրա աշխատելիս նա սովորել էր մի կերպ անգլերեն բացատրվել։
Նույն Պարայում էլ մենք հավաքագրեցինք երկու մետիսների, որոն Ամազոնի վերին հոսանքներից կարմիր փայտ էին լուղարկում դեպի քաղաք։ Մեկի անունը Գոմես է, մյուսինը՝ Մանուել։ Երկուսն էլ թուխ են, մեծամորուք և կատաղի կերպարանքով, իսկ նրանց ուժին ու ճարպկությանը հովազը կարող է նախանձել։ Գոմեսը և Մանուելն իրենց ողջ կյանքն անց են կաղրել Ամազոնի ավազանի այն վերին մասում, որը մենք պետք է հետազոտենք։ Հենց այդ հանգամանքն էլ դրդեց լորդ Ջոնին՝ նրանց վերցնելու։ Մետիսներից մեկը՝ Գոմեսը, ունի նաև այն արժանիքը, որ հիանալի խոսում է անգլերեն։ Այդ մարդիկ համաձայնեցին ամիսը տասնհինգ դոլարով ծառայել մեզ՝ ճաշ պատրաստել, թիավարել և ընդհանրապես անել այն ամենը, ինչ կպահանջվի նրանցից։ Բացի դրանից, մենք վարձեցինք երեք բոլիվիացի հնդկացիներ մոյո ցեղից, որի ներկայացուցիչները գետափնյա մյուս ցեղերի մեջ հռչակված են իբրև ձկնորսներ ու թիավարներ։ Ավագին մենք հենց այդպես էլ անվանեցինք՝ Մոյո, իսկ մյուս երկուսն ստացան Խոզե և Ֆերդինանդ անունները։ Եվ այսպես, երեք սպիտակամորթ, երկու մետիս, մի նեգր և երեք հնդկացի՝ ահա մեր փոքրիկ արշավախմբի կազմը, որը Մանաոսում հետագա հրահանգների էր սպասում, որպեսզի ճամփա ընկնի և կատարի իր վրա դրված այնքան անսովոր խնդիրը։
Վերջապես, անցավ տանջալի շաբաթը, հասավ վաղուց սպասված օրը և ժամը։ Պատկերացրեք Մանաոսից երկու մղոնի վրա ընկած Սանտա֊Իգնասիո հասիենդի կիսախավար հյուրասրահը։ Ցած թողած վարագույրների ետևում շլացուցիչ կերպով փայլում էր պղնձագույն արևը, արմավենիների սև ստվերները լույսի տակ նույնքան հստակ էին գծագրվում, որքան և իրենք՝ արմավենիները։ Ամենաչնչին հով անգամ չկար, օդի մեջ կանգնած էր միջատների անընդհատ բզզոցը, և այդ արևադարձային բազմաօկտավ խնբերգի մեջ լսելի էր և՛ մեղուների թավ բասը, և՛ մոծակների ականջ ծակող ֆալցետը։ Վերանդայի ետևում գտնվում էր կակտուսե ցանկապատով շրջապատված փոքրիկ պարտեզը։ Ծաղկած թփերի վրա, կայծկլտալով արևի տակ ճախրում էիմ խոշոր, կապույտ թիթեռները և պստլիկ կոլիբրիները։
Մենք նստել էինք եղեգնե սեղանի մոտ, որի վրա դրված էր կնքված ծրարը։ Ծրարի վրա պրոֆեսոր Չելենջերի անհարթ ձեռագրով խզմզված էր հետևյալը․
«Հրահանգ լորդ Ջոն Ռոքստոնին և նրա ուղեկիցներին։ Բաց անել Մանաոս քաղաքում15 հուլիսի, ցերեկվա ուղիղ ժամը տասներկուսին։
Լորդ Ջոնը ժամացույցը դրեց սեղանին, իր կողքին։
― Յոթ րոպե դեռ կա, ― ասաց նա։ ― Ծերուկը խիստ ճշտապահ է։
Պրոֆեսոր Սամերլին քմծիծաղ տվեց և նիհար ձեռքը պարզեց դեպի ծրարը։
― Իմ կարծիքով միևնույն է, թե երբ բացել՝ հիմա կամ յոթ րոպե հետո, ― ասաց նա։ Սա նույն շառլատանությունն է ու ծռմռվելը, որոնցով, դժբախտաբար, հռչակված է նամակի հեղինակը։
― Ո՛չ, ― առարկեց լորդ Ջոնը, ― եթե պետք է խաղանք, ուրեմն բոլոր կանոններին համաձայն։ Զորահանդեսի հրամանատարն է ծերունի Չելենջերը, և մենք այստեղ ենք հասել նրա ողորմածությամբ։ Մեր կողմից պարզապես անքաղաքավարություն կլինի, եթե նրա կարգադրությունները ճշտությամբ չկատարնենք։
― Տե՜ր աստված, ― բարկացավ պրոֆեսորը։ ― Այդ բանը Լոնդոնում էլ էր ինձ զայրացնում, իսկ հիմա գնալով ավելի ու ավելի է վատանում։ Ես չգիտեմ, թե ինչ կա այդ ծրարում, բայց եթե նրա մեջ միանգամայն ճշգրիտ երթուղին չլինի, ես այլևս չեմ կարող դիմանալ, կնստեմ առաջին իսկ պատահած շոգենավը, և կաշխատեմ հասնել Պարայում «Բոլիվիա» նավին։ Վերջ ի վերջո, ես շատ ավելի կարևոր գործեր ունեմ, քան ինչ֊որ մտամոլի զառանցանքները մերկացնելը։ Դե, Ռոքստոն, այժմ արդեն ժամանակն է։
― Այո՛, ժամանակը լրացավ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Կարող եք ազդանշան տալ։
Նա գրչահատով բացեց ծրարը, միջից հանեց մեջտեղից ծալված թուղթը, զգուշությամբ բացեց ու դրեց սեղանին։ Թուղթը բոլորովին մաքուր էր։ Լորդ Ջոնը շուռ տվեց թղթի մյուս երեսը։ Այնտեղ նույնպես ոչինչ չկար։ Մենք անխոս, շփոթված նայեցինք իրար, սակայն պրոֆեսոր Սամերլիի արհամարհական ծիծաղն ընդհատեց վերահաս լռությունը։
― Սա հո անկեղծ խոստովանությո՜ւն է, ― բացականչեց նա։ ― Ուրիշ ի՞նչ եք ուզում։ Մարդն ինքը հաստատեց իր սեփական խարդախությունը։ Մեզ մնում է միայն վերադառնալ տուն և ի լուր ամենքի անվանել նրան լկտի խաբեբա, որպիսին նա իրոք է։
― Անգույն թանաք, ― պոռթկացի ես։
― Հազիվ թե, ― պատասխանեց լորդ Ռոքստոնը՝ թուղթը պահելով լույսի դեմ։ ― Ոչ, սիրելի երիտասարդ, ինչո՞ւ մեզ խաբենք։ Ինչով ուզեք կերաշխավորեմ, որ այս թերթիկի վրա ոչինչ գրված չի եղել։
― Կարելի՞ է, ― թնդաց ինչ֊որ մեկի ձայնը վերանդայից։
Եվ հանկարծ դռան լուսավորված քառակուսու մեջ հայտնվեց մի կարճահասակ կերպարանք։ Այդ ձայնը, ուսերի այդ անսովոր լայնությունը․․․ Բոլորս միասին ճչացինք և վեր թռանք տեղներիցս, երբ մեր առաջ գունավոր ժապավենով մանկական անհեթեթ ծղոտե գկխարկը գլխին, պարուսինե սանդալներով, որոնց քթերը յուրաքանչյուր քայլի հետ այս ու այն կողմ էին ծռմռվում, տնկվեց ինքը Չելենջերը։ Նա կանգ առավ վառ լույսի տակ, ձեռքերը դրեց կուրտկայի գրպանները, առաջ ցցեց իր փարթամ ասորական մորուքը և կիսափակ կոպերի տակից իր հանդուգն հայացքը հառեց մեզ վրա։
― Բայց և այնպես մի քանի րոպե ուշացա, ― ասաց նա՝ գրպանից ժամացույցը հանելով։ ― Այս ծրարը ձեզ հանձնելիս, խոստովանում եմ, որ ես հաշվի չէի առել, թե դուք բաց կանեք այն, որովհետև հենց սկզբից որոշել էի նշածս ժամկետից առաջ ձեզ միանալ։ Այդ վրդովեցուցիչ ուշացման հանցավորներն են հավասարապես հիմարի գլուխ լոցմանը և անհարկի պատահած ծանծաղուտը։ Վախենամ, որ ես կամա֊ակամա հիանալի առիթ եմ ընծայել իմ կոլեգա պրոֆեսոր Սամերլիին՝ ինձ վրա չարախոսելու։
― Պետք է հայտնեմ, սըր, ― խիստ տոնով ասաց լորդ Ջոնը, ― որ ձեր գալուստը մի փոքր թեթևացնում է ստեղծված անախորժ վիճակը, քանի որ մենք արդեն որոշել էինք, որ մեր էքսպեդիցիան հասավ իր վաղաժամ վախճանին։ Բայց և այնպես ես չեմ կարող հասկանալ, թե ինչն էր ձեզ ստիպում դիմելու այդպիսի տարօրինակ կատակի։
Պատասխանի փոխարեն պրոֆեսոր Չելենջերը մոտեցավ սեղանին, սեղմեց իմ ու լորդ Ջոնի ձեռքը, վիրավորական քաղաքավարությամբ գլուխ տվեց պրոֆեսոր Սամերլիին և նստեց հյուսկեն բազկաթոռի մեջ, որը ճռճռաց ու սկսեց ճոճվել նրա ծանրության տակ։
― Ամեն ինչ պատրա՞ստ է ճանապարհ ընկնելու համար, ― հարցրեց նա։
― Կարելի է մեկնել հենց թեկուզ վաղը։
― Այդպես էլ կանենք։ Այժմ ձեզ ոչ մի քարտեզ, ոչ մի ցուցում պետք չէ՝ ե՛ս կլինեմ ձեր ուղեցույցը, գնահատեցե՜ք այս։ Հենց սկզբից ես որոշեցի գլխավորել արշավախումբը, և դուք կհամոզվեք, որ ոչ մի քարտեզ, որքան էլ այն մանրամասն լինի, չի փոխարինի իմ փորձին և իմ ղեկավարությանը։ Իսկ ինչ վերաբերում է ծրարի հետ կապված այդ անմեղ խորամանկությանը, ապա եթե ես առաջուց ծանոթացնեի ձեզ իմ պլաններին, պետք է աշխատեի ազատվել բոլորով միասին մեկնելու ձեր թախանձագին խնդրանքներից։
― Ինձանից դուք այդ բանը չէիք լսի, սը՛ր, ― բուռն կերպով բացականչեց պրոֆեսոր Սամերլին։ ― Եթե ամբողջ Ատլանտյան օվկիանոսում մի ուրիշ շոգենավ չգտնվեր, թերևս միայն այդ դեպքում․․․
Չելենջերը միայն իր մազոտ մեծ ձեռքը թափ տվեց նրա կողմը։
― Առողջ բանականությունը կթելադրի ձեզ, որ ես ճիշտ ենթադրություններով եմ առաջնորդվել։ Ինձ հարկավոր էր պահպանել գործողությունների ազատություն, որպեսզի այստեղ գայի այն րոպեին, երբ իմ ներկայությունը անհրաժեշտ կլիներ։ Այդ րոպեն հասավ։ Այժմ ձեր ճակատագիրը գտնվում է հուսալի ձեռքերում։ Դուք կհասնեք ձեր նպատակակետին։ Այսուհետև արշավախումբը ղեկավարելու եմ ես։ Խնդրում եմ այսօրվա ընթացքում ավարտել բոլոր նախապատրաստությունները, որպեսզի վաղը ծեգին կարողանանք շարժվել։ Իմ ժամանակը թանկ է, ձերը նույնպես, չնայած ավելի պակաս չափով։ Ուստի առաջարկում եմ որքան կարելի է արագ անցնել ամբողջ ճանապարհը, որի վերջում ես ձեզ ցույց կտամ այն, ինչի համար դուք եկել եք այստեղ։
Լորդ Ջոն Ռոքստոնը արդեն մի քանի օր առաջ վարձել էր շոգիով աշխատող «Էսմերալդա» մեծ կատերը, որով պետք է ճամփա ընկնեինք Ամազոնի հոսանքն ի վեր։ Տարվա եղանակը ոչ մի նշանակություն չունի արշավախմբի մեկնելու համար, որովհետև այստեղ ամառ թե ձմեռ ջերմաստիճանը պահպանվում է քսանհինգ֊երեսուն աստիճանի վրա։ Այլ բան է անձրևային շրջանը, որ սկսվում է դեկտեմբերից ու շարունակվում մինչև մայիս, և գետի ջուրը հետզհետե բարձրանում է՝ հասնելով սովորական մակարդակից քառասուն ոտնաչափ բարձրության։ Ամազոնը դուրս է գալիս ափերից, հեղեղում է վիթխարի տարածություններ, այդ ընդարձակ շրջանը վերածելով համատարած ճահճուտների, որոնցով եթե ոտքով փորձես անցնել՝ կթաղվես, իսկ նավարկել չես կարող ծանծաղության պատճառով։ Հունիսին ջուրն սկսում է իջնել, իսկ հոկտեմբերին կամ նոյեմբերին նրա մակարդակը հասնում է ցածրագույն կետին։ Մեր արշավախմբի մեկնումը զուգադիպում էր հենց այդ շրջանի հետ, երբ վեհասքանչ գետը իր բոլոր վտակներով ավել կամ պակաս չափով պարփակված էր ափերի մեջ։
Ամազոնի հոսանքը բավականաչափ դանդաղ է, քանի որ նրա հունի թեքությունը մղոնը ութ դյույումից չի գերազանցում։ Հազիվ թե աշխարհում նավագնացության համար դրանից հարմար գետ լինի։ Այստեղ տիրապետում են հարավարևելյան քամիները, և առագաստանավերը մինչև Պերուի սահմանները արագ են հասնում, իսկ ետ դառնալիս լողում են հոսանքն ի վար։ Ինչ վերաբերում է մեր «Էսմերալդային», ապա, շնորհիվ հիանալի մեքենայական մասի՝ նրա ընթացքը կախված չէր դանդաղաշարժ գետից, և մենք առաջ էինք գնում այնպիսի արագությամբ, ասես թե դա Ամազոնը չէր, այլ անշարժ լճակ։
Առաջին երեք օրերը մեր կատերը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս֊արևմուտք, հոսանքն ի վեր։ Չնայած Ամազոնի գետաբերանը գտնվում էր այստեղից մի քանի հազար մղոնի վրա, բայց նա այստեղ այնքան լայն է, որ գետի մեջտեղից նրա ափերը թվում են հորիզոնին կպած հազիվ նկատելի մի գիծ։ Մանաոսից մեկնելու չորրորդ օրը մենք մտանք վտանկներից մեկը, որն այդտեղ իր լայնությամբ համարյա չէր զիջում Ամազոնին, բայց շուտով սկսեց արագորեն նեղանալ։ Էլի երկու օր անցավ, և մենք մոտեցանք հնդկական ինչ֊որ փոքրիկ ավանի։ Պրոֆեսորն առաջարկեց ափ դուրս գալ, իսկ «Էսմերալդան» ետ ուղարկեց Մանաոս։ Նա բացատրեց, որ շուտով կսկսվեն սահանքները, որտեղ կատերն անելիք չունի։ Իսկ իբրև գաղտնիք ավելացրեց, որ մենք մոտեցել ենք Անհայտ երկրի նախադռանը և, հետևաբար, որքան քիչ մարդ իմանա մեր գաղտնիքը, այնքան լավ։ Այդ նույն նպատակով ամեն մեկիցս ազնիվ խոսք առավ, որ մենք ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր ճշգրիտ տեղեկություններ չենք հրապարակի այն վայրի աշխարհագրական դիրքի մասին, որտեղ մեկնում է արշավախումբը, իսկ բոլոր ծառաներին հարկադրեց հանդիսավոր գաղտնիքը պահպանելու երդում տալ։ Այդ բոլորը հարկադրում է ինձ իրադարձությունները որոշ չափով զուսպ շարադրել, և ես ընթերցողներին նախազգուշացնում եմ, որ այն քարտեզներում կամ գծագրերում, որոնք հավանորեն հարկ կլինի կցել իմ պատմությանը, ճիշտ կլինի միայն առանձին վայրերի փոխադարձ դիրքը, բայց ոչ նրանց կոորդինատները։ Հետևաբար, օգտվել այդ տվայլներից՝ Անհայտ երկիր մուտք գործելու համար՝ չի հանձնարարվում։ Ինչով էլ որ առաջնորդվելու լինի պրոֆեսոր Չելենջերը, այդքան մեծ եռանդով պահպանելով իր գաղտնիքը, մենք չենք կարող նրան չհնազանդվել, որովհետև նա իրոք ընդունակ էր ավելի շուտ խափանել էքսպեդիցիան, քան մազաչափ իսկ նահանջել մեզ առաջադրված պայմաններից։
Օգոստոսի երկուսին հրաժեշտ տվինք «Էսմերալդային», դրանով իսկ կտրելով վերջին օղակը, որ մեզ կապում էր աշխարհի հետ։ Այնուհետև չորս օրվա ընթացքում պրոֆեսորը հնդկացիներից վարձեց երկու մեծ նավակ՝ այնքան թեթև (նրանք պատրաստված էին բամբուկե կարկասներից՝ վրայից գազանների մորթիներ քաշած), որ հարկ եղած դեպքում կարող էինք ձեռքով տանել։ Մեր ողջ հանդերձանքը բարձեցինք այդ նավակները, իսկ իբրև լրացուցիչ թիավարներ վարձեցինք ևս երկու հնդկացի՝ Իպեդու և Ատակա անուններով, կարծեմ նույն մարդկանց, որոնք ուղեկցել էին պրոֆեսոր Չելենջերին նրա առջին ճանապարհորդության ընթացքում։ Ինչպես երևում է, նրանք երկուսով էլ սարսափից գլուխները կորցրին, երբ նրանց առաջարկվեց նորից մեկնել այն վայրերը, սակայն հնդկացիների մոտ առաջնորդը մինչև հիմա էլ օգտվում է նահապետական իշխանությամբ, և եթե որևէ գործարք ձեռնտու է նրան, ապա ցեղակիցներն իրավունք չունեն դատողություններ անելու այդ մասին։
Եվ այսպես, վաղը մեկնում ենք դեպի Անհայտը։ Իմ առաջին թղթակցությունն ուղարկում եմ հանդիպակաց նավակով, և, թերևս, մեր ճակատագրով հետաքրքրվողների համար դա վերջին տեղեկությունը լինի։ Ես այն ուղարկում եմ ձեր անունով, թանկագին Մակ֊Արդլ, ինչպես որ պայմանավորվել էինք։ Կրճատեցեք, ուղղեցեք իմ նամակները, մի խոսքով վարվեցեք, ինչպես անհրաժեշտ կգտնեք՝ վստահում եմ ձեր խոհեմությանը։
Դատելով մեր ղեկավարի խիստ ինքնավստահ տեսքից, նա պատրաստվում է իրապես ապացուցելու իր ճշմարտացիությունը, և ես, հակառակ պրոֆեսոր Սամերլիի համառ հոռետեսության, չեմ կասկածում, որ մենք իսկապես գտնվում ենք մեծագույն ու ապշեցուցիչ իրադարձությունների նախորյակին։
Գլուխ VIII Նոր աշխարհի մատույցներում
Թող հայրենիքում մեր բարեկամներն ուրախանան մեզ հետ միասին՝ մենք հասանք մեր ճանապարհորդության նպատակակետին և այժմ հաստատապես կարող ենք ասել, որ պրոֆեսորի պնդումները ստուգման կենթարկվեն։ Ճիշտ է, արշավախումբը դեռ չի բարձրացել սարահարթը, բայց նա այնտեղ է, մեր առջև․ նրա հանդեպ մինչև իսկ պրոֆեսոր Սամերլին հոգով մի փոքր մեղմացավ։ Անշուշտ, նա մտածել անգամ չի ուզում, թե իր ախոյանն իրավացի է, բայց սկսել է ավելի քիչ վիճել և մեծ մասամբ զգույշ լռություն պահպանել։
Սակայն վերադառնամ պատմությանս և շարունակեմ այնտեղից, որտեղ ընդհատված էր այն։ Մենք ետ ենք ուղարկում հնդկացիներից մեկին, որի ձեռքը ծանր վիրավորվել էր։ Ես նրա հետ նամակ եմ ճամփելու, բայց կհասնի՞ արդյոք ըստ պատկանելույն, խիստ կասկածում եմ։
Վերջին գրառումն արեցի այն օրը, երբ մենք պատրաստվում էինք թողնել հնդկական գյուղակը, որտեղ մեզ հասցրել էր «Էսմերալդան»։ Այս անգամ պետք է սկսեմ տհաճ պատմությամբ, որովհետև այդ երեկո մեր խմբի երկու անդամների միջև տեղի ունեցավ առաջին լուրջ գժտությունը, որը քիչ մնաց ողբերգական վախճան ունենար։ Պրոֆեսորների մշտական ընդհարումներն, իհարկե, հաշվի մեջ չեն մտնում։ Արդեն գրել եմ մեր մետիս Գոմեսի մասին, որը խոսում է անգլերեն։ Նա հիանալի աշխատող է, խիստ պատրաստակամ մարդ, սակայն տառապում է հիվանդագին հետաքրքրասիրությամբ՝ մի արատով, որը հատուկ է մարդկանց մեծ մասին։ Գյուղակից մեկնելու նախորդ երեկոյան Գոմեսը, ըստ երևույթին, թաքնվել էր խրճիթի մոտերքում, ուր մենք քննարկում էինք մեր պլանները, և սկսել ականջ դնել։ Հսկա Սամրոն, որ շան պես հավատարիմ է մեզ և, իր բոլոր ցեղակիցների նման, ատում է մետիսներին, բռնեց նրան ու քարշ տվեց խրճիթ։ Գոմեսը դանակը քաշեց և կխփեր նեգրին, եթե սա, իսկապես անհավատալի ուժի տեր լինելով, ժամանակին մի ձեռքով նրան չզինաթափեր։ Մենք երկուսին էլ նախատեցինք, ստիպեցինք իրար ձեռք սեղմել և հուսով ենք, թե բանը դրանով էլ կվերջանա։ Ինչ վերաբերում է մեր երկու գիտնականների միջև եղած թշնամանքին, ապա այն ոչ միայն չի մեղմանում, այլ գնալով ավելի ու ավելի է բորբոքվում։ Պետք է խոստովանել, որ Չելենջերն իրեն պահում է խիստ գրգռիչ կերպով, իսկ Սամերլիի կծու լեզուն ոչ մի կերպ չի նպաստում նրանց հաշտեցմանը։ Երեկ, օրինակ, Չելենջերն ասաց, որ նա չի սիրում զբոսնել Թեմզայի ափերին, որովհետև տխուր է նայել այն վերջին կայանին, որն սպասում է իրեն։ Պրոֆեսորը ոչ մի կասկած չունի, որ իր աճյունը հանգչելու է Վեստմինստերյան աբբայությունում։ Սամերլին թթու կերպով ժպտաց, ասելով․
― Որքան ինձ հայտնի է, Միլբենկի բանտը վաղուց են քանդել։
Չելենջերի անսահման մեծամտությունը թույլ չի տալիս նրան նեղանալու այդպիսի խայթոցներից, դրա համար էլ նա միայն քմծիծաղեց մորուքի մեջ և, ասես դիմելով երեխայի, ներողամիտ տոնով ասաց․
― Դե լավ, լավ։
Այդ երկու մարդիկ իրենց խելքով ու գիտելիքներով կարող են տեղ գրավել գիտությաան լուսատուների առաջին շարքում, սակայն իրոք իսկական մանուկներ են։ Մեկը՝ չորիկ֊մորիկ, փնթփնթան, մյուսը՝ պարարտ, տիրական։ Խելք, կամք, հոգի․․․ Որքան կյանքը շատ ես ճանաչում, այնքան ավելի պարզ ես տեսնում, թե ինչպես հաճախ մեկը մյուսին չի համապատասխանում։
Նկարագրված դեպքի հաջորդ օրը ճամփա ընկանք, որը և կարելի է համարել մեր նշանավոր էքսպեդիցիայի սկիզբը։ Ամբողջ հանդերձանքը շատ լավ տեղավորվեց երկու նավակներում, իսկ մենք ինքներս բաժանվեցինք երկու խմբի, յուրաքանչյուրը վեցական մարդ, ըստ որում, ելնելով ընդհանուր հանգստության շահերից, պրոֆեսորներին տարբեր նավակների մեջ տեղավորեցինք։ Ես նստեցի Չելենջերի հետ, որն այժմ լուռ ինքնամոռացության մեջ էր և ճառագում էր ամբողջովին։ Բայց ես արդեն տեսել էի նրան այդ տրամադրությամբ և պատրաստ էի ամեն րոպե պարզ երկնքից որոտ լսելու։ Այդ մարդու հետ երբեք չես կարող քեզ հանգիստ զգալ, սակայն դրա փոխարեն չես էլ ձանձրանա, որովհետև նա շարունակ ստիպում է քեզ սարսռալ, սպասելով իր բուռն խառնվածքի հանկարծական բռնկումներին։
Երկու օր բարձրանում էինք վերև լայն գետով, որի ջուրը սև էր, բայց այնքան հստակ, որ կարելի էր հատակը տեսնել․ այդպես է Ամազոնի բոլոր վտակների կեսը, իսկ մյուսների ջուրը պղտոր սպիտակավուն գույն ունի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղով են հոսում նրանք․ այնտեղ, ուր բուսահող կա, ջուրը պարզ է, իսկ կավահողերում պղտորվում է նա։ Երկու անգամ դեմ առանք սահանքի, և երկու անգամ էլ կես մղոնաչափ շրջանցում կատարեցինք՝ մեր ամբողջ գույքը ձեռքով տեղափոխելով։ Ափերին փռված էին դարվոր անտառները, որոնցով ավելի հեշտ է անցնել, քան խիտ մացառուտի միջով, ուստի մեր բեռը մեզ մի առանձին դժվարություն չպատճառեց։ Երբեք չեմ մոռանա հանդիսավոր գաղտնիքի այն զգացումը, որ ունեցել եմ այդ անտառներում։ Բնիկ քաղաքաբնակը նույնիսկ չի կարող պատկերացնել այդպիսի հզոր ծառեր, որոնք համարյա տեսողությանն անմատչելի բարձրունքում իրար են հյուսում ճյուղերի գոթական նիզակները, ստեղծելով մի համատարած կանաչ վրան, որի միջով միայն տեղ֊տեղ, մի ակնթարթ այդ հանդիսավոր խավարը ճեղքելով, թափանցում է արևի շողը։ Անցյալ տարվա տերևների խիտ, փափուկ գորգը խլացնում է մեր քայլերի ձայնը։ Մենք գնում էինք, համակված այնպիսի երկյուղածությամբ, ինչպիսին զգում ես երևի միայն Վեստմինստերյան աբբայության մռայլ կամարների տակ։ Նույնիսկ պրոֆեսոր Չելենջերն իր թնդուն բասը իջեցրել էր մինչև շշնջյուն։ Եթե ես այստեղ մենակ լինեի, երբեք չէի իմանա այս ծառերի անունները, սակայն մեր գիտնականները հենց մի գլուխ ցույց էին տալիս եղևնիներ, հսկա կաղամախիներ, կոնդորներ և շատ այլ տեսակի ծառեր, որոնց առատության շնորհիվ այս մայրցամաքը դարձել է մարդու համար բնության այն պարգևների գլխավոր մատակարարիչը, որոնք վերաբերում են բուսական աշխարհին, այն ժամանակ, երբ նրա կենդանական աշխարհը խիստ աղքատ է։
Սև ծառաների վրա բոցկլտում էին վառ խոլորձները և իրենց գույներով ապշեցնող քարաքոսները, իսկ երբ արևի մի պատահական շող ընկնում էր ոսկե ալլամանդայի, ժակսոնիայի մուգ կարմիր աստղերի կամ իմպոմեայի թունդ կապույտ ողկյուզների վրա, թվում էր, թե միայն հեքիաթներում կարող է այդպես լինել։ Այդ թավ անտառներում ամեն կենդանի բան ձգտում է դեպի լույսը, առանց որի մահ է։ Ամեն մի ընձյուղ, անգամ ամենաթույլը, բարձրանում է միշտ վեր ու վեր՝ փաթաթվելով իր ավելի ուժեղ ու բարձրահասակ ընկերներին։ Սողացող բույսերն այստեղ հասնում են հրեշավոր չափերի, իսկ նրանք, որոնք եվրոպացու կարծիքով իբրև թե չպետք է ոլորվեին, կամա թե ակամա ձեռք են բերում այդ արվեստը, միայն թե դուրս պրծնեն թանձր խավարից։ Ես տեսա, օրինակ, թե ինչպես սովորական եղինջը, հասմիկը և նույնիսկ յասիտարա արմավենին փաթաթվել էին եղևնիների բներին՝ հասնելով մինչև նրանց գագաթները։
Ներքևում, կանաչ վեհասքանչ կամարների տակ, ոչ խշխշոց էր լսվում, ոչ ծվոց, սակայն մեր գլխավերևում ինչ֊որ տեղ անընդհատ եռուզեռ էր։ Այնտեղ, արևի ճառագայթների տակ պատսպարվել էր օձերի, կապիկների, թռչունների և համրուկների մի ողջ աշխարհ, որը, հավանորեն, զարմանքով էր նայում մարդկային պստլիկ ֆիգուրաներին, որոնք քայլում էին ներքևում խորհրդավոր կիսախավարով լցված այդ անդունդի հատակով։
Լուսաբացին և մայրամուտին անտառի թավուտը թնդում էր ճղավող կապիկների համերաշխ ոռնոցից և երկարապոչ թութակների խլացուցիչ կանչերից։ Սակայն տոթ ժամերին լսում էինք միայն միջատների անընդհատ բզզոցը, որը հիշեցնում էր ալեկոծության հեռավոր աղմուկը, և ուրիշ ոչինչ․․․ Ոչ մի բան չէր խանգարում ծառաբների այդ սյունաշարի հանդիսավոր վեհությունը, որոնք բարձրանում, կորչում էին մեր գլխավերևում կախված խավարի մեջ։ Միայն մի անգամ ծառերի խիտ ստվերի միջով անշնորհք կերպով քարշ եկավ ինչ֊որ ծուռթաթ գազան՝ ոչ այն է մրջնակեր, ոչ այն է արջ։ Դա միակ նշանն էր, թե Ամազոնի անտառներում կենդանի արարածներ կան նաև գետնի վրա։
Մինչդեռ որոշ այլ նշաններ վկայում էին նաև մարդու ներկայության մասին այդ խորհրդավոր անտառներում՝ մարդ, որն այնքան հեռու չէր մեզանից։ Երրորդ օրը ինչ֊որ տարօրինակ ռիթմիկ աղմուկ լսեցինք, որը մերթ մարում, մերթ նորից էր թնդացնում օդը իր հանդիսավոր դղրդյունով, և այդպես ամբողջ առավոտը։ Երբ առաջին անգամ այդ թնդյունը լսեցինք, նավակները լողում էին իրարից մի քանի յարդ հեռավորության վրա։ Հնդկացիները քարացան տեղներում, ասես վերածվելով բրոնզե արձանների, նրանց դեմքներին սարսափ էր նկարված։
― Այդ ի՞նչ է, ― հարցրի ես։
― Թմբուկներ, ― անփութորեն պատասխանեց լորդ Ջոնը։ ― Մարտական թմբուկներ։ Ես արդեն առիթ ունեցել եմ լսելու դրանց թնդյունները։
― Այո՛, սըր, մարտական թմբուկներ են, ― հաստատեց մետիս Գոմեսը։ ― Հնդկացիները չար ժողովուրդ են։ Նրանք հետևում են մեզ։ Հնդկացիները ուզում են մեզ սպանել։
― Այդ ի՞նչ հնարքով են նրանք հետևել մեզ, ― հարցրի ես՝ աչքս հառած մութ, անշարժ թավուտին։
Մետիսն ուսերը թոթվեց։
― Հնդկացիները ամեն ինչ կարող են։ Նրանք հետևում են մեզ։ Միշտ էլ էդպես է լինում։ Թմբուկները խոսում են իրար մեջ։ Հնդկացիներն ուզում են մեզ սպանել։
Կեսօրին, ― իմ ծոցատետրում նշված է, որ դա օգոստոսի ութին էր, երեքշաբթի օրը, ― բոլոր կողմերից մեզ շրջապատեց ոչ պակաս վեց֊յոթ թմբուկների դղրդյուն։ Նրանք մերթ արագացնում, մերթ դանդաղեցնում էին ռիթմը։ Ահա ինչ֊որ տեղ արևելքում, լսվեց կտրուկ, ընդհատ մի տարափ․․․ լռություն․․․ Թավ դղրդյուն հյուսիսային կողմից։ Այդ անընդհատ որոտը հնչում էր համարյա իբրև հարց ու պատասխան։ Նրա մեջ ինչ֊որ ահեղ, ջղերի վրա ներգործող բան կար։ Այդ որոտը միաձուլվում, փոխվում էր բառերի, այն բառերին, որ շարունակ կրկնում էր մեր մետիսը․ «Կսպանե՛նք․․․ կսպանե՛նք․․․» Լուռ անտառում ոչ մի շարժում չկար։ Կանաչի մութ ծածկոցը շնչում էր հանգիստ ու խաղաղ, որը հատուկ է միայն բնությանը։ Սակայն այդ վարագույրի ետևից անդադար հասնում էր նույն գույժը, որ եղբայր֊մարդը ուղարկում էր մեզ։ «Կսպանե՛նք», ասում էին արևելքում գտնվողները։ «Կսպանե՛նք», պատասխանում էին նրանց հյուսիսից։
Թմբուկները որոտում ու շշնջում էին ամբողջ օրը, և նրանց ձայներում հնչող սպառնալիքն իբրև զարհուրանք արտացոլվում էր մեր գունավոր ուղեկիցների դեմքերին։ Մինչև իսկ համարձակ, պարծենկոտ մետիսը վախեցավ։ Դրա փոխարեն այդ նույն օրը ես առիթ ունեցա համոզվելու, որ Սամերլին ու Չելենջերը բարձրագույն արիության տեր մարդիկ են, արիություն, որ հատուկ է լուսավոր մտքերին։ Նույնպիսի խիզախությամբ էր պահել իրեն Դարվինը Արգենտինայի գաուչոսների ու Ուոլլեսը՝ Մալայաի գանգորաների մեջ։ Այդպես է տնօրինել արդեն ողորմած բնությունը․ մարդը չի կարող միաժամանակ երկու բանի մասին մտծել, և այնտեղ, ուր խոսում է գիտական հետաքրքրասիրությունը, անձնական կյանքի նկատառումների համար տեղ չի մնում։
Երկու պրոֆեսորն էլ մոտիկից անցնող ո՛չ մի թռչուն, ափին բուսած ո՛չ մի թուփ աչքից բաց չէին թողնում և մի գլուխ կատաղի վեճի էին բռնվում՝ չլսելով խորհրդավոր, ահեղ որոտյունը։ Սամերլին առաջվա պես խայթում էր Չելենջերին, որը սովորության համաձայն թնդացնում էր իր բասը, և ո՛չ մեկը, ո՛չ մյուսը հարկ չէր համարում թեկուզ մի խոսք ասել հնդկական թմբուկների մասին, կարծես այդ ամենը տեղի էր ունենում Սենտ֊Ջեյմս֊ստրիտի վրա, Կայսերական ընկերության ակումբի ծխասենյակում։ Նրանք միայն մի անգամ ուշադրության արժանացրին հնդկացիներին։
― Միրանխա կամ թերևս ամայյուկա ցեղի մարդակերներն են, ― ասաց Չելենջերը՝ մեծ մատը պարզելով անտառի կողմը, որտեղից լսվում էին թմբուկների ձայները։
― Միանգամայն ճիշտ է, սըր, ― պատասխանեց Սամերլին, ― և, ինչպես այստեղի բոլոր ցեղախմբերը, նրանք էլ պատկանում են մոնղոլական ցեղին, իսկ նրանց լեզուն բազմասինթետիկ է։
― Իհարկե, բազմասինթետիկ է, ― ներողամտաբար համաձայնեց Չելեմջերը։ ― Որքան ինձ հայտնի է, այս մայրցամաքում այլ լեզուներ գոյություն չունեն։ Ես գրի եմ առել ավելի քան հարյուր բարբառ։ Իսկ ինչ վերաբերում է մոնղոլական ցեղին, ապա այստեղ ես խիստ կասկածում եմ։
― Մինչդեռ թվում էր՝ բավական է համեմատական անատոմիայի հետ ամենամակերեսային ծանոթությունն իսկ, որպեսզի այդ տեսությունը ճիշտ համարես, ― թունավոր տոնով նկատեց Սամերլին։
Չելենջերը մարտականորեն վեր ցցեց կզակը։ Ծղոտե լայնեզր գլխարկի եզրեր և մորուք՝ ահա այն ամենը, ինչ տեսնում էինք մենք։
― Դուք իրավացի եք, սըր, մակերեսային ծանոթությունն ուրիշ ոչինչ տալ չի կարող։ Սակայն խոր գիտելիքները հարկադրում են այլ եզրակացությունների հանգել։
Նրանք չար հայացքներով ուտում էին իրար, իսկ այդ ժամանակ անտառում հազիվ լսելի շշուկով անցնում էր արձագանքը․ «Կսպանե՛նք, կսպանե՛նք․․․ կսպանե՛նք․․․»
Երեկոյան նավակներն ուղղեցինք դեպի գետի մեջտեղը, խարիսխների փոխարեն հարմարեցրինք ծանր քարեր և պատրաստվեցինք հնարավոր հարձակման։ Սակայն գիշերը խաղաղ անցավ, և լույսը բացվելու հետ մենք շարունակեցինք առաջ գնալ հեռվում մարող թմբուկների տարափի տակ։ Ժամը երեքի մոտերքը բարձր սահանքները, որոնք ձգվում էին մոտ մեկուկես մղոն երկարությամբ, փակեցին մեր ճանապարհը․ դրանք հենց այն սահանքներն էին, որտեղ պրոֆեսոր Չելենջերն աղետի էր ենթարկվել իր առաջին էքսպեդիցիայի ժամանակ։
Խոստովանում եմ, որ այդ սահանքները սրտապնդեցին ինձ․ դա Չելենջերի պատմածների ճշտության առաջին, թեկուզ և թույլ, հաստատումն է։
Հնդկացիները խիտ մացառուտների միջով անցկացրին նախ նավակները, ապա հանդերձանքը, իսկ մենք, չորս սպիտակներս, հրացանը ձեռքներիս գնում էինք շղթայաձև, պաշտպանելով նրանց այն վտանգից, որը կարող էր պայթել անտառից։ Երեկոյան մեր խումբը բարեհաջող կերպով անցավ սահանքները, բարձրացավ հոսանքն ի վեր մի տասը մղոն և կանգ առավ գիշերելու։ Իմ մոտավոր հաշվումներով, այդ ժամանակ Ամազոնը ամենաքիչը մոտ հարյուր մղոն ետ էր մնացել։
Մյուս օրը վաղ առավոտյան կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Դեռևս լուսադեմից պրոֆեսոր Չելենջերը զննում էր երկու ափերն էլ՝ ակներևաբար ինչ֊որ բանից անհանգստացած։ Բայց ահա նա ուրախ բացականչեց և ցույց տվեց բոլորովին ջրի վրա խոնարհված մի ծառ։
― Ձեր կարծիքով ի՞նչ ծառ է այն, ― հարցրեց նա։
― Անշուշտ ասսայի արմավենի, ― ասաց Սամերլին։
Ճիշտ է։ Հենց այդ արմավենին էլ իմ գլխավոր նշանն էր։ Մի երկու մղոն էլ վերև բարձրանանք այն ափով, և մենք կմոտենանք թավուտում քողարկված մի վտակի։ Ծառերն այնտեղ համատարած պատնեշ են կազմում, իսկ նրանց ետևում թաքնվում է գաղտնիքը։ Ահա, տեսնում եք, մութ մացառուտին փոխարինում է բաց կանաչ եղեգնը։ Հենց այնտեղ էլ, բարձր բարդիների միջով, բացվում է դեպի Անհայտ երկիրը տանող դուռը։ Հիմա ինքներդ կհամոզվեք ամեն ինչում։ Դե, առաջ։
Եվ իսկապես, մեզ մնում էր միայն ապշել։ Հասնելով այնտեղ, ուր սկսվում էր բաց կանաչավուն եղեգնուտը, մենք մխրճվեցինք նրա մեջ, ապա մի հարյուր յարդ վարեցինք երկու նավակները, ձողափայտի օգնությամբ հեռանալով ափից, և, վերջապես, դուրս եկանք մի խաղաղ, ոչ խոր գետակ, որի հստակ ջրերի միջից պարզ երևում էր ավազե հատակը։ Նրա նեղ ափերը պատված էին փարթամ կանաչով։
Նա, ով չէր նկատի, որ այստեղ խիտ մացառուտի փոխարեն աճում է եղեգնը, երբեք չէր կարող գուշակել այդ գետակի և նրա ետևում ընկած կախարդական աշխարհի գոյության մասին։
Այո, դա իսկապես որ կախարդական մի աշխարհ էր։ Այդպիսի սքանչելիք կարող է պատկերել միայն մարդկային ամենավառ երևակայությունը։ Խիտ ոստերը հյուսվում էին մեր գլխավերևում՝ կազմելով մի բնական կանաչ կամար, իսկ այդ թունելի միջով հոսում էր կանաչ թափանցիկ գետը։ Ինքնին գեղեցիկ, նա է՛լ ավելի սքանչելի էր թվում լույսի այն քմահաճ պուտերից, որ գցում էին սաղարթի միջով թափանցող արևի շողերը։ Ջրի մակերեսը, որ հստակ էր, ինչպես բյուրեղ, անշարժ, ինչպես հայելի, ափերի մոտ կանաչին տվող, ինչպես սառցալեռ, շողշողում էր սաղարթների քանդակած կամարի ներքո՝ ալեկոծվելով մեր թիակների հարվածներից։ Դա մի ճանապարհ էր, որն արժանի էր հրաշքների աշխարհին, դեպի ուր նա տանում էր։
Այժմ հնդկացիների ներկայությունն այլևս չէր զգացվում, դրա փոխարեն ավելի հաճախ էինք հանդիպում կենդանիների, որոնց դյուրավստահությունը վկայում էր, որ նրանք դեռևս որսորդ չեն տեսել։ Շլացուցիչ սպիտակ ատամներով և խորամանկ աչքերով սև, թավամազ կապիկները մեզ ուղեկցում էին խլացնող ճղավոցներով։ Երբեմն ափից ծանր ճողփյունով ջուրն էր ընկնում ամերիկյան կոկորդիլոսը։ Մի անգամ թփերի միջից դուրս նայեց ծանրամարմին գետակինճը և, մի րոպե կանգնելով, ծանր քայլերով կորավ թավուտում։ Հետո ծառերի միջև մի ակնթարթ երևաց խոշոր կատվառույծի ճկուն մարմինը․ նա ընթացքի ժամանակ շուռ եկավ, և շեկ ուսի վրայից մեզ վրա փայլեցին նրա ատելությամբ լի կանաչ աչքերը։ Այստեղ թռչուններ շատ կային, առանձնապես՝ ճահճային։ Ջրի վրա կռացած յուրաքանչյուր ծառին փոքրիկ խմբերով նստել էին քաջահավեր, ձկնկուլներ, արագիլներ՝ կապույտ, վառ կարմիր, սպիտակ, իսկ բյուրեղի պես ջինջ ջրում վխտում էին ծիածանի բոլոր գույնի ձկները։
Երեք օր մենք լողում էինք այդ ոսկեկանաչ թունելի միջով։ Նայելով հեռուն՝ դժվար էր տարբերել, թե որտեղ է վերջանում կանաչ ջուրը և որտեղ սկսվում կանաչ կամարը։ Ոչ մի բան չէր խանգարում այդ գետի խոր հանգիստը՝ այդտեղ մարդկային հետքեր չկային։
― Հնդկացիներ չկան։ Նրանք վախենում են Կուրուպուրիից, ― ասաց մի անգամ Գոմեսը։
― Կուրուպուրին անտառի ոգին է, ― բացատրեց լորդ Ջոնը։ ― Այստեղ այդ անունով կոչում են այն ամենը, ինչն իր մեջ կրում է չարության սկիզբը։ Խեղճ տեղացիները վախենում են նույնիսկ այստեղ երևալուց, նրանց թվում է, թե ինչ֊որ զարհուրելի բան է թաքնված այս վայրերում։
Երրորդ օրը պարզ դարձավ, որ անհրաժեշտ է նավակներից բաժանվել․ գետն սկսեց արագ ծանծաղել, և նավակները շարունակ հատակով քերում էին ավազը։ Ի վերջո նավակները դուրս քաշեցինք ջրից և գիշերելու համար տեղավորվեցինք առափնյա թփուտում։ Առավոտյան ես ու լորդ Ջոնը գետին զուգահեռ մի երկու մղոն անցանք անտառով և, համոզվելով, որ գետը ավելի ու ավելի է ծանծաղում, վերադարձանք այդ լուրը հայտնելու պրոֆեսոր Չելենջերին, դրանով իսկ հաստատելով նրա ենթադրությունը, թե հասել ենք այն վերջին կետին, որից հետո նավակներով գնալն անհնար է։ Այն ժամանակ մենք նավակները քաշեցինք ավելի վերև, թաքցրեցինք թփերի մեջ և հարևան ծառի վրա կտրվածք արինք, որպեսզի վերադարձին մեր թաքստոցը կարողանայինք գտնել։ Այնուհետև, մեջ֊մեջ անելով բեռը, ― հրացաններ, փամփուշտներ, սննդամթերք, վերմակներ, վրան և ուրիշ եղած֊ճեղած, ― հակերն առանք ուսներիս և նորից ճամփա ընկանք, որի վերջին էտապը շատ ավելի մեծ դժվարություններ էր խոստանում մեզ, քան սկիզբը։
Այդ առավոտը, դժբախտաբար, նշանավորվեց մեր երկու աքաղաղների ընդհարմամբ։ Միանալով մեզ՝ Չելենջերն իսկույն արշավախմբի ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց՝ ակնհայտ անբավականություն պատճառելով Սամերլիին։ Եվ հենց որ Չելենջերը կարգադրություն արավ իր կոլեգային՝ ընդամենը աներոիդե ծանրաչափը վերցնել, հաջորդեց պայթյունը։
― Թույլ տվեք հարցնել, սըր, ― սպառնալից հանգստությամբ խոսեց Սամերլին, ― դուք ի՞նչ իրավունքով եք հրամանատարություն անում։
Չելենջերը բռնկվեց և փշաքաղվեց ամբողջովին։
― Արշավախմբի պետի իրավունքով, պրոֆեսոր Սամերլի։
― Ստիպված եմ հայտարարել, սըր, որ ես ձեզ չեմ ընդունում իբրև այդպիսսին։
― Ա՛խ, ահա թե ի՜նչ։ ― Չելենջերն իրոք որ փղային նազելիությամբ ծաղրաբար գլուխ տվեց նրան։ ― Այն ժամանակ թերևս, դուք կբարեհաճեք ցույց տալ իմ տե՞ղը ձեր մեջ։
― Խնդրեմ, սըր։ Դուք մի մարդ եք, որի խոսքերը կասկածի տակ են առնված, իսկ մենք՝ այն հանձնաժողովի անդամներն ենք, որն ստեղծված է ձեզ ստուգելու համար։ Դուք գնում եք ձեր դատավորների հետ, սըր։
― Ողորմա՜ծ աստված, ― բացականչեց Չելենջերը՝ նստելով շուռ տված նավակի վրա։ ― Այդ դեպքում բարի եղեք ձեր ճամփով գնալ, իսկ ես, առանց շտապելու, կհետևեմ ձեզ։ Քանի որ ես չեմ գլխավորում այդ արշավախումբը, կարիք չկա նրա առջևից գնալ։
Գոհություն աստծու, որ մեր խմբում գտնվեցին երկու ողջամիտ մարդ՝ լորդ Ջոնը և ես, այլապես մեր գիտնական մարդկանց խևությունն ու տաքարյունությունը կհասցնեին այն բանին, որ մենք դատարկաձեռն կվերադառնանք Լոնդոն։ Որքա՜ն վեճեր, համոզել, բացատրություններ, մինչև որ հանգստացրինք նրանց։ Վերջապես, Սամերլին առաջ շարժվեց, փստփստացնելով ծխամորճն ու արհամարհանքով քմծիծաղ տալով, իսկ Չելենջերը փնթփնթալով հետևեց նրան։ Բարեբախտաբար, դեռևս դրանից մի քանի օր առաջ նկատել էինք, որ մեր երկու իմաստուններն էլ ոչ մի բանի տեղ չեն դնում Էդինբուրգցի դոկտոր Իլլինգվորտին, և այդ փրկեց մեզ։ Հետագայում բավական է, որ մենք հիշատակեինք շոտլանդացի կենդանաբանի անունը, որպեսզի հասունացող վեճերը վայրկենապես դադարեին, երկու պրոֆեսորն էլ ժամանակավոր դաշինք կնքեցին և միաբանորեն հարձակվեցին իրենց ընդհանուր ախոյանի վրա։
Շարժվելով ափի երկարությամբ շուտով նկատեցինք, որ գետն աստիճանաբար վերածվեց նեղ առվի, իսկ սա իր հերթին կորավ ճահճուտում, որը ծածկված էր կանաչ, սպունգանման մամուռով։ Մեր ոտքերը մինչև ծնկները թաղվում էին նրա մեջ։ Այդտեղ օդում սավառնում էին մոծակների և ամեն տեսակ մժղուկների խիտ ամպեր, այնպես որ մենք վերջապես թեթևացած ոտք դրինք ամուր հողի վրա, թեքվելով դեպի անտառը՝ շրջանցեցինք այդ կանաչապատ ճահճուտը, որը դեռ երկար հիշեցնել էր տալիս իրեն միջատների երգեհոնային բզզոցով։
Նավակները թողնելու երրորդ օրը տեղանքի բնույթը խիստ փոխվեց։ Մենք ստիպված էինք շարունակ վեր բարձրանալ, անտառը նկատելիորեն նոսրացավ և կորցրեց իր արևադարձային փարթամությունը։ Ամազոնի հովտի տղմային հողով սնված վիթխարի ծառերն իրենց տեղը զիջեցին կոկոսյան և փյունիկյան արմավենիներին, որոնք խումբ֊խումբ բարձրանում էին խիտ թփուտների միջից։ Խոնավ ցածրավայրերում աճում էին արմավենիները՝ շքեղորեն ցած խոնարհված տերևներով։ Մենք գնում էինք գլխավորապես կողմնացույցի օգնությամբ, և մի երկու անգամ Չելենջերի ու երկու հնդակցիների միջև տաք վեճ բռնկվեց, թե ո՛ր ուղղությամբ գնալ, ըստ որում երկու անգամն էլ մեր ամբողջ խումբը գերադասեց, ինչպես ասած վրդովված պրոֆեսորը, «վստահել նախնադարյան վայրենիների խաբուսիկ բնազդին, քան թե ժամանակաից եվրոպական կուլտուրայի կատարյալ արտադրանքին»։ Երրորդ օրը պարզվեց, որ մենք իրավացի էինք՝ գերադասությունը տալով հնդկացիներին։ Չելենջերն ինքը ճանաչեց ինչ֊որ նշաններ, որ նա հիշում էր առաջին ուղևորությունից, իսկ մի տեղ մենք նույնիսկ հանդիպեցինք չորս սևացած քարի, որը նրա ճամբարատեղն էր։
Վերելքը դեռ շարունակվում էր․ երկու օր տևեց գլաքարերով ծածկված լեռան հաղթահարումը։ Բուսականությունը նորից փոխվեց․ արևադարձային նախկին շքեղությունից այստեղ մնացին միայն «փղոսկր» արմավենիները, մեկ էլ բազմաթիվ սքանչելի խոլորձները, որոնցից ես սովորեցի ճանաչել հազվագույտ Nuttoria Vexillaria֊ան հոյակապ կատլեայի վարդագույն ու վառ կարմիր ծաղիկներ և օդոնտոգլոսսումը։ Բլրի ծերպերում, մանր քարերի վրայով, ձարխոտի մացառուտներում թաքնված առվակներ էին խոխոնջում։ Սովորաբար մենք գիշերում էինք գլաքարերի մեջ, որևէ լճակի ափին, որտեղ ամբողջ վտառներով լողում էին կապտասև մեջքերով ձկնիկները, նման մեր անգլիական իշխանին, որն ընթրիքի հիանալի կերակրատեսակ է։
Իններորդ օրը, երբ իմ հաշվումներով մոտ հարյուր քսան մղոն էինք կտրել անցել նավակների թաքցրած վայրից, անտառը բոլորովին նոսրացավ և հետզհետե վերածվեց թփուտի։ Թփերը, իրենց հերթին, փոխվեցին բամբուկի անծայրածիր մացառուտների, այնքան խիտ, որ ստիպված էինք դանակներով ու հնդկական տոմահավկներով ճամփա բացել նրանց միջով։ Դրա վրա կորցրինք մի ամբողջ օր՝ առավոտյան ժամը յոթից մինչև երեկոյան ժամը ութը՝ հանգստի համար ընդամենը երկու ընդմիջում անելով։ Դժավար է ավելի միալար ու հոգնեցուցիչ զբաղմունք պատկերացնել։ Նույնիսկ ուղատներում իմ հորիզոնը սահմանափակված էր ինչ֊որ տասը֊տասներկու յարդով․ մնացյալ ամբողջ ժամանակ իմ առջև տեսնում էի միայն պարուսինե շապիկ հագած լորդ Ջոնի մեջքը, իսկ կողքերից՝ կիպ կպած բամբուկի դեղին պատը։ Սայրի պես բարակ արևի շողերը տեղ֊տեղ թափանցում էին ներքև մեր գլխավերևում տասնհինգ ոտնաչափ բարձրության վրա, վառ կապույտ երկնքի ֆոնին օրորվում էին բամբուկի ավելները։ Չգիտեմ, թե ինչ կենդանիներ էին բնակվում այդտեղ, բայց մենք շատ անգամներ բոլորովին մոտիկից լսեցինք ինչ֊որ կենդանու ծանր ոտնաձայներ։ Լորդ Ջոնը կարծում էր, թե գուանակոն էր կամ ուղտայծ։ Միայն գիշերվա դեմ մենք դուրս եկանք բամբուկի ծովից և, խոշտանգաված այդ օրվա ընթացքում, օրը մեզ անսահման երկար թվաց, իսկույն ճամբար զարկեցինք։
Հետևյալ առավոտն արդեն մեզ ճամփին գտավ։ Տեղանքի բնությունը սկսեց նորից փոխվել։ Բամբուկի դեղին պատնեշը պարզ երևում էր մեր ետևում։ Իսկ առջևում փռված էր բաց հարթավայրը, որը տեղ֊տեղ ծածկված էր ծառանման ձարխոտերով և աստիճանաբար բարձրանում էր դեպի երկար, իր ձևով կետի մեջք հիշեցնող բլրակատարը։ Կեսօրի մոտերքը մենք անցանք այդ կատարը և նրա ետևում տեսանք մի հովիտ, իսկ հետևում կրկին զառիկող լանջ, որը մեղմորեն կլորանում էր հորիզոնում։ Հենղ այդտեղ, առաջին բլրաշարքի մոտ էլ մի դեպք տեղի ունեցավ, թե որքան նշանակալից՝ կերևա հետագայում։
Պրոֆեսոր Չելենջերը, որ երկու հնդկացիների հետ քայլում էր առջևից, հանկարծ կանգ առավ և հուզված թափահարեց ձեռքը, ցույց տալով դեպի աջ։ Նայելով այն կողմը, մենք տեսանք հսկայական գորշ թռչնի պես մի բան, որը դանդաղորեն թափահարելով թևերը, ցածրաթռիչ ու սահուն անցավ գետի վրայով ու կորավ ծառերի ետևում։
― Դուք տեսա՞ք, ― ցնծագին ձայնով ճչաց Չելենջերը։ ― Սամերլի, դուք տեսա՞ք։
Նրա կոլեգան, առանց հայացքը կտրելու, նայում էր այն կողմը, ուր չքացավ այդ տարօրինակ թռչունը։
― Իսկ ի՞նչ էր այդ ձեր կարծիքով, ― հարցրեց նա։
― Ինչպե՞ս թե ինչ։ Պտերոդակտիլ։
Սամերլին արհամարհանքով քրքջաց։
― Պտերոցնդաբանություն, ― ասաց նա։ ― Դա արագիլ էր, ամենասովորական արագիլ։
Չելենջերը կատաղությունից պապանձվեց։ Պատասխանի փոխարեն նա իր հակը դրեց ուսին ու շարունակեց ճամփան։ Սակայն լորդ Ջոնը, որը շուտով հավասարվեց ինձ, սովորականից շատ ավելի լուրջ դեմք ուներ։ Նա ձեռքին բռնել էր ցեյսի հեռադիտակը։
― Բայց և այնպես ես կարողացա դիտել նրան, ― ասաց նա։ ― Չեմ համարձակվում դատել, թե դա ինչ բան էր, բայց կյանքումս դեռ այդպիսի թռչուն չեմ տեսել՝ այդ մեկը կարող եմ երաշխավորել որսորդական իմ փորձով։
Այսպես են մեր գործերը։ Իրո՞ք մոտեցել ենք Անհայտ երկրին, արդյոք կանգնած ենք Կորուսյալ աշխարհի մատույցներո՞ւմ, որի մասին շարունակ ասում է մեր ղեկավարը։ Իմ գրառումներից դուք գիտեք նույնքան, որքան և ես։ Այլևս այդպիսի դեպքեր չկրկնվեցին, ուրիշ ոչ մի կարևոր իրադարձություն տեղի չունեցավ այդ օրը։
Եվ այսպես, թանկագին ընթերցողներ, ― եթե երբևէ ընթերցողներ կունենամ, ― մենք ձեզ հետ միասին բարձրացանք լայնարձակ գետի հոսանքն ի վեր, եղեգնուտի միջով մտանք կանաչ թունելը, անցանք զառիկողին աճած արմավենիների միջով, հաղթահարեցինք բամբուկի անտառը, իջանք ծառանման ձարիխոտով ծածկված հարթավայրը, և այժմ մեր ճանապարհորդության նպատակն ուղիղ մեր առաջ է։
Անցնելով երկրորդ բլրաշարքը, տեսանք խիտ արմավենիներով ծածկված մի նեղ հովիտ, իսկ նրա վերևում՝ կարմիր ժայռերի մի երկար շարք, որը ես հիշեցի ալբոմում եղած նկարից։ Այժմ ես գրում եմ, բայց հերիք է գլուխս բարձրացնեմ, և ահա նա աչքերիս առաջն է՝ նկարի հետ նրա նույնությունն անկասկած է։ Նրա և մեր կայանի միջև ընկած ամենակարճ տարածությունը յոթ մղոնից ավելի չէ, իսկ հետո նա ոլորվում է ու գնում դեպի անծայրածիր հեռուն։
Չելենջերն աքաղաքի նման մարտական տեսքով ճամբարով մեկ առաջ ու ետ է քայլում, Սամերլին լռություն է պահպանում, բայց առաջվա պես հոռետեսորեն է տրամադրված։ Մեկ օր ևս, և մեր կասկածներից շատերը կփարատվեն։ Իսկ առայժմ այս նամակն ուղարկում եմ Խոսեի միջոցով, որն իր ձեռքը վիրավորեց բամբուկի թփուտներում և պահանջում է իրեն ազատ արձակել։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ նամակը կհասնի ըստ պատկանելույն։ Առջին իսկ հնարավորության դեպքում նորից կգրեմ։ Նամակին կցում եմ մեր ճանապարհորդության մոտավոր պլանը այն հաշվով, որ դա օգնի ձեզ պարզելու այստեղ շարադրվածը։
Գլուխ IX «Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել»
Սարսափելի դժբախտություն եկավ մեր գլխին։ Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել։ Այժմ ես մեր փորձանքների վերջը չեմ տեսնում։ Գուցե մեզ վիճակված է ցմահ մնալ այս հանելուկային, անմատչելի վայրում։ Ես այնպես եմ ցնցված կատարվածից, որ մինչև հիմա լավ գլուխ չեմ հանում ներկայից, չեմ էլ կարող նայել առաջ, ապագային։ Առաջինը իմ շփոթված ուղեղին թվում է զարհուրելի, իսկ երկրորդը՝ անթափանց, ինչպես գիշեր։
Հազիվ թե ուրիշ մարդ այդպիսի դրության մեջ ընկած լինի։ Մեր վիճակն այնքան անելանելի է, որ ես նույնիսկ հարկ չեմ համարում հայտնել այս լեռնաշղթայի ճշգրիտ կոորդինատները և մեր բարեկամներին խնդրել, որպեսզի փրկարար խումբ ուղարկեն։ Եթե այդպիսի փրկարար խումբ կազմվի էլ, ապա ամենայն հավանականությամբ մեր բախտը վճռված կլինի այդ խմբի Հարավային Ամերիկա ժամանելուց շատ առաջ։
Այո, մենք կտրված ենք ամեն տեսակի օգնությունից, որպես թե Լուսնի վրա ընկած լինենք։ Իսկ եթե այս փորձանքից պատվով դուրս գանք, ապա մեր փրկությամբ պարտական կլինենք միայն մեզ։ Իմ երեք ուղեկիցները երևելի մարդիկ են, հրաշալի մտքի և անհողդողդ արիության տեր մարդիկ։ Այդ և միայն այդ է մեր փրկության հույսը։ Բավական է նայեմ ընկերներիս հանգիստ դեմքերին, և իմ շուրջը խավարն իսկույն ցրվում է։ Համարձակվում եմ մտածել, որ արտաքինից ես էլ եմ այդպես հանգիստ։ Մինչդեռ իակապես ծանր կասկածները տանջում եմ ինձ։
Իսկ հիմա թույլ տվեք բոլոր մանրամասնություններով շարադրել դեպքերի ընթացքը, որը մեզ հասցրեց աղետի։
Վերջին հաշվետվության մեջ ես գրել էի, որ մենք գտնվում ենք յոթ մղոնի վրա այն լեռնաշղթայից, որը օղակում է պրոֆեսոր Չելենջերի ասած սարահարթը։ Երբ մեր խումբը ընդհուպ մոտեցավ նրան, ինձ թվաց, թե պրոֆեսորը նույնիսկ պակասեցրել էր նրա բարձրությունը, որովհետև որոշ տեղերում նա համենայն դեպս հասնում է հազար ոտնաչափի։ Աչքի է զարնում նաև այդ ապառաժների թերթավորությունը, որը, ինչպես երևում է, բնորոշ է բազալտային կազմավորությունների համար։ Դրա նման ինչ֊որ բան կարելի է դիտել Էդինբուրգի մոտ, Սելիսբերիի ժայռերի վրա։ Լեռնաշղթայի գագաթը ծածկված է փարթամ բուսականությամբ՝ փեշերին բարձրանում են թփեր, որոնց հաջորդում են բարձր ծառերը։ Ինչպես երևում է, այստեղ կենդանի արարածներ չկան։
Այն գիշեր մենք ճամբար զարկեցինք լեռնաշղթայի ստորոտում, ամայի ու մռայլ մի տեղում։ Մեր գլխավերևում բարձրացող կարմիր ապառաժները ոչ միայն բոլորովին թեք են, այլև վերևի մասերը դուրս ընկած, այնպես որ այս կողմից սարահարթ բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ է։ Մեր ճամբարից ոչ հեռու կանգնած է մի բարձր, վերևի մասում բարակող քարաժայռ։ Ես կարծեմ առաջ խոսել եմ դրա մասին։ Նա նման է եկեղեցու հաստացրած շպիլի։ Նրա գագաթը, որտեղ աճում է մի բարձր ծառ, հավասարվում է սարահարթի մակերեսին, բայց նրանց բաժանում է մի ծերպ։ Այդ քարաժայառը և լեռնաշղթայի նրան մոտիկ ճյուղավորությունները այնքան էլ բարձր չեն՝ իմ կարծիքով, հինգ֊վեց հարյուր ոտնաչափից ոչ ավելի։
― Ահա հենց այն ծառի վրա էր նստել պտերոդակտիլը, ― ասաց պրոֆեսորը, ― որին ես խփեցի։ Ստիպված եղա մագլցել մինչև ժայռի կեսը։ Կարծում եմ, որ լավ ալպինիստը, այնպիսին, ինչպիսին ես եմ, կարող է գագաթն էլ բարձրանալ, չնայած, միևնույն է, այնտեղից չեմ կարող անցնել սարահարթը։
Մինչդեռ Չելենջերը խոսում էր իր պտերոդակտիլի մասին, ես հետևում էի պրոֆեսոր Սամերլիին և առաջին անգամ նրա մեջ ինչ֊որ նոր բան նկատեցի․ նա ակներևաբար սկսում էր հավատալ իր ախոյանին և նույնիսկ զղջման որոշ նշաններ էր ցույց տալիս։ Խայթող ժպիտը չքացավ նրա շրթունքներից, նա կանգնել էր գունատ և զարմանքը թաքցնել չէր աշխատում։ Չելենջերը նույնպես նկատեց այդ և արդեն արբենում էր իր հաղթանակով։
― Պրոֆեսոր Սամերլին, իհարկե, մտածում է, որ խոսելով պտերոդակտիլի մասին, ես ի նկատի ունեմ սովորական արագիլի, ― ասաց նա՝ անշնորհք կերպով փորձելով սրամտել, ― սակայն, այդ արագիլը զուրկ է փետուրներից, ունի արտասովոր ամուր մաշկային ծածկույթ, թաղանթավոր թևեր և վրան ատամներ շարված կտուց։
Չելենջերը խոնարհաբար գլուխ տվեց, քմծիծաղեց, աչքով արեց իր կոլեգային, որը չկարողացավ տանել այդ և մի կողմ քաշվեց։
Առավոտյան, համեստ նախաճաշից հետո, որը բաղկացած էր սուրճից և մանիոկից․[28] անհրաժեշտ էր սննդամթերքը խնայել, մենք ռազմական խորհուրդ հրավիրեցինք և սկսեցինք քննարկել, թե ինչպես բարձրանանք սարահարթ։
Պրոֆեսոր Չելենջերը նախագահում էր անսովոր հանդիսավորությամբ՝ գերագույն դատավոր, ո՛չ ավել, ո՛չ պակաս։
Պատկերացրեք մի այպիսի տեսարան․ անհեթեթ ծղոտե գլխարկը ծոծրակին թեքված այդ մեծամորուքը բազմել է քարերի վրա՝ ամբարտավան կերպով նայելով մեզ կիսախուփ կոպերի տակից, և դանդաղ, ընդհատումներով խոսում է մեր ներկա վիճակի և գործողությունների հետագա պլանների մասին։ Նրա առաջ տեղավորվել ենք մենք երեքս․ ձեր խոնարհ ծառան, որ սևացել, խիստ ամրացել է մաքուր օդում, Սամերլին, որը լուրջ և առաջվա պես հոռետեսորեն փստացնում է իր ծխամորճը, և նիհարավուն լորդ Ջոնը, որը հենվել է հրացանին՝ հռետորի վրա հառելով իր սուր, արծվային հայացքը։ Մեր ետևում երկու թուխ մետիսներն են և իրար գլխի հավաքված հնդկացիները, իսկ առջևում՝ կարմրավուն կողավոր ապառաժները, որոնք փակում են դեպի ցանկալի նպատակը տանող ճանապարհը։
― Արդյոք արժե ասել, ― այսպես սկսեց մեր ղեկավարը, ― որ իմ առաջին ացելությանն այստեղ ես ամեն հնար գործադրեցի սարահարթը բարձրանալու, և եթե այդ բանը չհաջողվեց ինձ՝ փորձված ալպինիստիս, ապա ուրիշին առավել ևս չի հաջողվի։ Ճիշտ է, ես այն ժամանակ ոչ մի ալպինիստական հարմարանք չունեի, բայց այժմ ես այդ մասին հոգացել եմ և նրանց օգնությամբ, ինչպես էլ լինի, պետք է բարձրանամ ժայռի գագաթը։ Ասենք, այս կողմից գլխավոր լեռնապարը բարձրանալու մասին առայժմ նույնիսկ ավելորդ է խոսել։ Անցյալ անգամ ես ստիպված էի շտապել՝ մոտենում էր անձրևների շրջանը, բացի դրանից, սննդամթերքի պաշարները վերջանալու վրա էին։ Այդ բոլորը խիստ նեղում էր ինձ ժամանակի տեսակետից, և ես կարողացա մի վեց մղոն շրջանցել լեռնաշղթան արևելյան ուղղությամբ ու վերելքի համար քիչ թե շատ հարմար տեղ չգտա։ Ի՞նչ պետք է անենք հիմա։
― Ըստ իս, առողջ բանականությունը միայն մի ելք է թելադրում, ― խոսեց պրոֆեսոր Սամերլին։ ― Եթե դուք արևելյան ուղղությամբ հետազոտել եք լեռնաշղթան, ուրեմն այժմ պետք է գնալ դեպի արևմուտք և նայել, թե արդյոք այդ կողմից չի՞ կարելի բարձրանալ։
― Ճիշտ է, ― պաշտպանեց նրան լորդ Ջոնը։ ― Ինձ թվում է, որ այս լեռնապարը այնքան էլ մեծ չէ։ Մենք կպտտվենք նրա շուրջը և կամ կգտնենք այն, ինչ հարկավոր է, կամ կվերադառնանք մեր ելման կետը։
― Ես արդեն բացատրել եմ մեր պատանի բարեկամին, ― ասաց Չելենջերը (նա միշտ իմ մասին խոսում է, ինչպես տասնամյա դպրոցականի), ― որ հեշտ վերելքի հույս ունենալ չի կարելի և այդ շատ պարզ պտճառով․ եթե այդպիսին գոյություն ունենար, սարահարթը մնացած աշխարհից կտրված չէր լինի և այնտեղ չէին ստեղծվի այն պայմանները, որոնք խախտում են տեսակների հարատևման մեզ հայտնի բոլոր օրենքները։ Այնուամենայնիվ, ես լիովին ընդունում եմ, որ լանջերին կան տեղեր, որոնք մատչելի են փորձված ալպինիստին, սակայն անհաղթահարելի են ծանր, դանդաղաշարժ կենդանիների համար։ Համենայն դեպս մեկ այդպիսի տեղի գոյության մասին ես պարզապես համոզված եմ։
― Ի՞նչն է ձեզ այդպիսի վստահություն ներշնչել, սըր, ― խստությամբ հարցրեց Սամերլին։
― Այն, որ իմ նախորդին՝ ամերիկացի Մեպլ Ուայտին, ինչ֊որ ձևով հաջողվել էր բարձրանալ սարահարթը։ Այլապես նա ինչպե՞ս կարող էր տենսել այն հրեշին, որը նկարված է նրա ալբոմում։
― Հետևապես, դուք առաջ եք վազում՝ չսպասելով, մինչև որ այդ բոլորը ստուգման ենթարկվի, ― համառորեն առարկեց Սամերլին։ ― Ես ընդունում եմ սարահարթի գոյությունը, որովհետև նա իմ աչքի առաջ է, բայց թե կյանք կա՞ այնտեղ՝ այդ բանը դեռ ոչ ոք չի ապացուցել ինձ։
― Ընդունում եք որևէ բան, սըր, թե չեք ընդունում, այդ բոլորովին կարևոր չէ։ Սակայն, ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ սարահարթի գոյությունը հասել է ձեր գիտակցությանը։ ― Չելենջերը գլուխը բարձրացրեց և, հանկարծ տեղից վեր ցատկելով, բռնեց Սամերլիի օձիքից ու ծնոտը վեր տնկեց։ ― Դե՛, սըր, ― ճչաց նա հուզմունքից խռպոտած ձայնով, ― հիմա համոզվեցի՞ք, որ սարահարթում կենդանական աշխարհ կա։
Ես արդեն խոսել եմ սարահարթի եզրերը պատող կանաչի խիտ ծոպերի մասին։ Ահա հենց այդ թփուտների միջից հանկարծ երևաց ինչ֊որ փայլուն, սև արարած։ Նա դանդաղորեն սողաց դեպի զառիթափը, կախվեց նրա վրա, և այդ ժամանակ մենք նկատեցինք, որ դա մի վիթխարի օձ է՝ թիակի նման տափակ գլխով։ Մի րոպե նա ճոճվեց քարափին՝ արևի տակ խաղացնելով իր հարթ, ասես հղկված օղակները, ապա դանդաղ ետ քաշվեց ու կորավ թփերի մեջ։
Այդ տեսարանը այնպես գրավեց Սամերլիին, որ նա սկզբում նույնիսկ չփորձեց ազատվել Չելենջերի ճանկերից, բայց հետո ուշքի եկավ և, ետ հրելով իր կոլեգային, նորից արժանավայել դիրք ընդունեց։
― Պրոֆեսոր Չելենջեր, ― ասաց նա, ― ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք իմ գլուխը վեր ցցելու փոխարեն, ձեր խոսքերի վրա ուշադրություն հրավիրելու որևէ այլ եղանակ գտնեիք։ Այդպիսի ազատությունը չի արդարացնում նույնիսկ խիստ սովորական պիթոնի հայտնվելը։
― Բայց և այնպես սարահարթի վրա կյանք կա, ― հաղթականորեն բացականչեց նրա կոլեգան։ ― Եվ այժմ, երբ իմ այդ թեզն այնքան ակնառու հաստատումն գտավ, որ ամենականխակալ ու բութ գլուխներն անգամ այլևս չեն վիճարկի այն, ես առաջարկում եմ անմիջապես թողնել մեր կայանը և շարժվել արևմտյան ուղղությամբ՝ գտնելու համար այն տեղը, որտեղից հնարավոր կլինի վերև բարձրանալ։
Լեռնաշղթայի ստորոտը քարքարոտ էր, անհարթ, այնպես որ մենք առաջանում էինք դանդաղ ու մեծ դժվարությամբ։ Բայց անսպասելի մի գյուտ սրտապնդեց մեզ․ մենք դեմ առանք ինչ֊որ մեկի վաղուցվա կայանի հետքերին։ Քարերի միջև ընկած էին Չիկագոյի մսի պահածոյի մի քանի թիթեղե տուփեր, մի ջարդված դանակ, մի շիշ՝ «Կոնյակ» պիտակով, և նման դեպքերում սովորական շատ այլ մանր֊մունր բաներ։ Պատռած ու ճմրթված թերթը դուրս եկավ «Չիկագոյի դեմոկրատը», բայց թե որ թվականի համարն էր՝ չհաջողվեց պարզել։
― Իմը չէ, ― ասաց Չելենջերը։ ― Սա, երևի, Մեպլ֊Ուայտն է թողել։
Լորդ Ջոնը ուշադիր զննում էր բարձր, ծառանման ձարխոտի բունը, որի ստվերում կայանն էր խփված։
― Հապա նայեցեք, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով, սա ուղեսյան նման ինչ֊որ բան է։
Ծառաբնին մեխված էր մի տաշեղ, սուր ծայրը դեպի արևմուտք։
― Միանգամայն ճի՛շտ է, ― բացականչեց Չելենջերը։ ― Այդպես էլ պետք է լինի։ Մեր նախորդը հասկանում էր, որ իրեն սպասող ճանապարհը կապված է վտանգների հետ, և այս ուղենիշը թողել է, որպեսզի սրանով գտնեն իրեն։ Սպասեցեք, միգուցե ուրիշ հետքեր էլ պատահեն մեզ։
Նա իրավացի դուրս եկավ, բայց որքա՜ն անակնկալ ու զարհուրելի էր այն, ինչ մենք տեսանք։ Լեռնաշղթայի ստորոտում ձգվում էին բամբուկի մացառուտները, ճիշտ այնպիսիք, որոնց միջով հարկ եղավ անցնել մեր ուղևորության սկզբում։ Ցողունները հասնում էին երբեմն քսան ոտնաչափի, իսկ սուր, ամուր ծայրերը ցցվել էին վեր, ինչպես նիզակներ։ Գնում էինք այդ մացառուտների երկարությամբ և հանկարծ նկատեցինք, որ այնտեղ ինչ֊որ սպիտակ բան փայլեց։ Գլուխս ներս տարա ցողունների մեջ և տեսա մի գանգ։ Մի քանի քայլ այն կողմ, ավելի մոտ, ընկած էր ամբողջ կմախքը։
Հնդկացիները դանակներով արագ մաքրեցին այն տեղը, և կատարված ողբերգությունը մեր առաջ կանգնեց իր բոլոր մանրամասներով։ Զոհվածի հագուստից միայն ծվեններ էին մնացել, սակայն կոշիկները մերկ ոսկորներին պահպանվել էին անվնաս, և դրանցով կարելի էր դատել, որ նրանց երբեմնի տերը եվրոպացի է։ Ոսկորների միջև ընկած էին Նյու֊Յորքի «Հուդզոն» ֆիրմայի ժամացույցը և շղթայով մի գրչամատիտ։ Հենց այդտեղ էլ ընկած էր արծաթե մի ծխատուփ՝ կափարչի վրա քանդակված մակագրությամբ․ «Ջ․ Կ․֊ին Ա․ Է․ Ս․֊ից»։ Սիգարետատուփը դեռևս չէր սևացել, հետևաբար դժբախտ դեպքը պատահել էր ոչ շատ վաղուց։
― Ո՞վ է սա, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Խեղճ, ոչ մի ոսկորն անվնաս չի մնացել։
― Բամբուկն էլ դուրս է ցցվել կողերի միջից, ― ասաց Սամերլին։ ― Ճիշտ է, նա անսովոր կերպով արագ է աճում, բայց և այնպես դժվար է ենթադրել, թե ցողունները կարող էին այդքան կարճ ժամանակում մինչև քսան ոտնաչափ վեր բարձրանալ։
― Ինչ վերաբերում է զոհվածի անձնավորությանը, ― ասաց Չելենջերը, ― ապա այդ հարցում ես ոչ մի կասկած չունեմ։ Մինչև հասիենդում ձեզ հետ միանալը ես ճշգրիտ տեղեկություններ էի հավաքում Մեպլ֊ Ուայտի մասին։ Պարայում նրա մասին ոչինչ չգիտեին։ Բարեբախտաբար, նրա ալբոմի մի նկարն ինձ ճիշտ ճամփի վրա կանգնեցրեց։ Հիշո՞ւմ եք նախաճաշը Ռոսարիոյում ինչ֊որ քահանայի մոտ։ Այսպես ահա, ինձ հաջողվեց գտնել այդ քահանային, և չնայած նա թունդ վիճող դուրս եկավ ու խիստ վիրավորվեց, երբ ես սկսեցի ապացուցել, թե կրոնական հավատալիքները չեն կարող դիմանալ ժամանակակից գիտության քայքայիչ ազդեցությանը, այնուամենայնիվ, մեր զրույցն իզուր չանցավ։ Մեպլ֊Ուայտը եկել էր Ռոսարիո չորս տարի առաջ, այսինքն՝ երկու տարի առաջ իր մահվանից։ Նա մենակ չէր, ճանապարհորդում էր ամերիկացի Ջեյմս Կոլվեր անունով մի բարեկամի հետ, որը ափ չէր իջել և չէր տեսնվել քահանայի հետ։ Ուստի մենք կարող ենք չկասկածել, որ մեր առաջ գտնվում է այդ նույն Ջեյմս Կոլվերի աճյունը։
― Է՛լ ավելի քիչ կասկածներ են հարուցում իմ մեջ նրա մահվան հանգամանքները, ― ասաց լորդ Ջոնը։ ― Նա ընկել է քարափից կամ ցած է շպրտվել այնտեղից և ընկել բամբուկների վրա։ Այլապես ոչ մի կերպ չի կարելի բացատրել ոսկորների ջարդվելը։ Բամբուկն էլ այդքան չէր կարող աճել նրա մարմնի միջով։
Մենք լուռ դիտում էինք մեր աևջև ընկած աճյունը՝ մտածելով լորդ Ջոն Ռոքստոնի ասածի նշանակության մասին։ Քարափի ելուստը ծանր մուրճի պես կախվել էր բամբուկի մացառուտի վրա։ Ամերիկացին ցած է ընկել այնտեղից։ Բայց արդյոք ի՞նքն է ընկել։ Իրո՞ք դժբախտ պատահար է եղել դա։ Իսկ գուցե․․․ Եվ այդ անհայտ աշխարհի մասին մտածելիս ինչ֊որ չարագույժ ու զարհուրելի շունչ փչեց մեզ վրա։
Առանց լռությունը ընդհատելու շարժվեցինք առաջ քարե պատնեշի մոտով, որը նույնքան ուղղաբերձ էր ու հարթ, որքան Անտարկտիդայի անծայրածիր սառցադաշտերը, որոնք, եթե հավատանք նկարագրություններին, ձգվում են հորիզոնից հորիզոն՝ վեր խոյանալով իրենց մեջ կորած նավերի կայմերից։ Առաջին հինգ մղոնների ընթացքում ոչ մի ծերպ, նույնիսկ ճեղքվածք չտեսանք այդ քարափին։ Բայց հանկարծ մեր առջևում փայլեց հույսի մի ճառագայթ։ Մի փոքրիկ խորության մեջ, որտեղ անձրևի կաթիլներ չէին կարող ընկնել, կավճով սլաք էր նկարված, որն առաջվա պես ուղղված էր դեպի արևմուտք։
― Նորից Մեպլ֊Ուայտն է, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը։ ― Նա հավանորեն զգացել է, որ իր հետքերով կգան ամենայն հոգատարության արժանի մարդիկ։
― Ուրեմն, նա իր հետ կավի՞ճ է ունեցել։
― Հապա ինչպե՞ս։ Նրա ուղեպարկի մեջ մի ամբողջ արկղ ներկամատիտներ կային։ Հիշում եմ, ես ուշադրություն դարձրի, որ սպիտակ մատիտից միայն մի կրծած կտոր էր մնացել։
― Հույժ համոզիչ ապացույց, ― ասաց Սամերլին։ ― Դե, ուրեմն, հետևենք նրա ցուցումներին և առաջ գնանք դեպի արևմուտք։
Հինգ մղոն ևս գնալուց հետո նորից քարափի վրա մի սլաք տեսանք։ Այդտեղ քարե պարսպին երևաց առաջին նեղ ծերպը։ Ծերպի մեջ էլ սլաք էր նկարած, որն այս անգամ ուղղված էր դեպի վեր։
Ինչպիսի՜ հանդիսավորությամբ էր շնչում այդ վայրը։ Վիթխարի քարափներ, նրանց վերևում կապույտ երկնքի մի պատառ և թանձր խավար, որովհետև կանաչի կրկնածոպերի միջով այստեղ համարյա լույս չէր թափանցում։ Մի քանի ժամ է, ինչ ոչինչ չէինք կերել, հոգնեցուցիչ ճամփան քարերի միջով ուժասպառ էր արել մեզ, բայց մի՞թե կարելի է դադար առնել այդտեղ։ Հրամայելով հնդկացիներին ճամբար զարկել, մենք չորսով՝ երկու մետիսների ուղեկցությամբ շարժվեցինք առաջ, դեպի նեղ ծերպի խորքերը։
Այդ ծերպը մուտքի մոտ ուներ քառասուն ոտնաչափից ոչ ավելի լայնություն, որը գնալով սկսեց արագորեն նեղանալ և, վերջապես, դեմ առավ մի զառիթափի, որն այնքան թեք էր ու լպրծուն, որ այդտեղով բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ էր։ Մեր նախորդն ակնհայտորեն մի այլ բան նկատի ուներ։ Ետ դառնանք, ― կիրճն ընդամենը քառորդ մղոն երկարություն ուներ, ― և հանկարծ լորդ Ջոնի սուր աչքը գտավ այն, ինչ մեզ հարկավոր էր։ Մեր գլխավերևը, բարձրում, ընդհանուր խավարի միջից երևում էր մի ավելի մութ բիծ։ Դա, անկասկած, որևէ անձավի մուտք էր։
Ծերպի հատակին քարակույտեր կային, որոնց վրայով առանց դժվարության վեր բարձրացանք։ Մեր բոլոր կասկածները փարատվեցին։ Ահա քարայրի մուտքը, իսկ նրա կողքին՝ նորից կավճով նկարված սլաք։ Ուրեմն, Մեպլ֊Ուայտը և իր դժբախտ ուղեկիցը հենց այստեղից են սկսել վերելքը դեպի սարահարթ։
Այնպես հուզված էինք, որ ճամբար վերադառնալու մասին մտածել իսկ չէինք կարող։ Ուզում էինք իսկույն հետազոտել քարայրը։ Լորդ Ջոնն ուսապարկից հանեց էլեկտրական լապտերը, որը պետք է ծառայեր մեզ իբրև լույսի միակ աղբյուր, և առաջ շարժվեց՝ դեղին փայլակետեր գցելով ժայռերի վրա։ Մենք քայլ առ քայլ հետևում էինք նրան։
Դատելով հարթ պատերից ու կլոր քարակույտերից, ժայռերի մեջ այդ խորությունը ջուրն էր ողողելով բացել։ Մեզ հաջողվեց մտնել այնտեղ միայն մեկ֊մեկ, այն էլ խիստ կռանալով։ Մի հիսուն ոտնաչափ տարածություն այրը խորանում էր ուղղակի քարափի մեջ, իսկ հետո սկսեց քառասունհինգ աստիճան թեքությամբ վեր բարձրանալ։ Շուտով անցքն ավելի թեքացավ, ստիպված էինք չորեքթաթ վեր մագլցել սորուն կոպիճների վրայով։ Մի քանի րոպե ևս անցավ, և հանկարծ լորդ Ռոքստոնը բղավեց․
― Ճանապարհը փակվե՛ց։
Խմբվելով նրա ետևում, մենք լամպի դեղին լույսով տեսանք իրար վրա կուտակված բազալտի քարաբեկորներ, որոնք հասնում էին մինչև այրի առաստաղը։
― Փլվածք է։
Մի քանի քար դուրս հանեցինք, բայց անօգուտ․ միայն սկսեցին շարժվել ավելի մեծ բեկորները, որոնք ամեն րոպե կարող էին փլվել և տակն առնել մեզ։ Այդպիսի արգելք հաղթահարելը բացահայտորեն մեր ուժերից վեր էր։ Այլևս գույություն չուներ այն ճանապարհը, որով անցել էր Մեպլ֊Ուայտը։
Այնպես վհատվեցինք այդ բանից, որ առանց այլևս խոսք փոխանակելու ետ դարձանք և քայլեցինք մութ ձորակի միջով։ Բայց այդ ժամանակ տեղի ունեցավ մի դեպք, որը խիստ նշանակալից էր մյուս դեպքերի կողքին։
Խմբով կանգնած էինք ձորակի հատակին, քարայրից մի քառասուն ոտնաչափ ներքև, երբ հանկարծ մի հսկա քար ցած թռավ մեր մոտով։ Մահից հրաշքով խույս տվեցինք։ Մեր կանգնած տեղից չէր երևում, թե այդ քարաբեկորը որտեղից պոկվեց, բայց երկու մետիսների ասելով, որոնք ետ էին մնացել այրի մուտքի մոտ, քարը թռել էր նաև նրանց մոտով, հետևաբար այն ցած էր ընկել բարձրունքից։ Նայեցինք վերև, սակայն քարափը եզերող կանաչ մացառուտներում ամենաչնչին շարժում իսկ չնկատեցինք։ Բայց և այնպես մեզնից ոչ ոք չէր կասկածում, որ քարն ուղղված էր մեզ վրա։ Ուրեմն, սարահարթում մարդիկ կան, մարդիկ, որոնցից կարելի է սպասել վատթարագույնը։
Շուտով դուրս եկանք ձորակից, մտածելով այն մասին, թե այդ անակնկալ իրադարձությունն ինչպես կարող է ազդել մեր պլանների վրա։ Առանց այն էլ դրությունը ծանր էր, բայց եթե բնության՝ մեր դեմ հարուցած արգելքներին ավելանան նաև մարդու չարագործությունները, ապա մեր դրությունը շատ կծանրանա։ Բայց և այնպես, մեզանից ո՞վ սիրտ կաներ վերադառնալ Լոնդոն, առանց իմանալու, թե ինչ էր թաքնված կանաչի այդ փարթամ եզրագծի ետևում, որը ձգվում էր մեր գլխավերևում ընդամենը ինչ֊որ հարյուր ոտնաչափ բարձրության վրա։ Քննարկելով այդ բոլորը՝ որոշեցինք շարունակել սարահարթի շրջանցումը և գտնել նրա գագաթը բարձրանալու մի այլ տեղ։ Ապառաժների շղթան, զգալիորեն ցածրանալով, այժմ արդեն ձգվում էր ոչ թե դեպի արևմուտք, այլ դեպի հյուսիս, և եթե մեր անցած ճանապարհն ընդունեինք իբրև շրջագծի հատած, ապա ողջ շրջագիծը հավանորեն այնքան էլ մեծ չպետք է լիներ։ Վատագույն դեպքում կարող էինք մի քանի օրից հետո վերադառնալ այն կետը, որտեղից սկսել էինք մեր պտույտը։
Այդ օրվա ընթացքում անցած քսաներկու մղոնը ոչ մի նոր բան չբերեց մեզ։ Ի դեպ ասած, աներոիդե ծանրաչափը ցույց է տալիս, որ, հաշվելով նավակները թողած տեղից, մենք աստիճանաբար բարձրացել ենք վեր ծովի մակերևույթից ամենաքիչը երեք հազար ոտնաչափ։ Դրանով են բացատրվում նաև ջերմաստիճանի և բուսականության նկատելի փոփոխությունները։ Մենք համարյա թե ազատվեցինք միջատների ձեռքից, այդ անեծքից, որը արևադարձային երկրներում թունավորում է ճանապարհորդի կյանքը։ Դեռևս պատահում են արմավենու որոշ տեսակներ, ծառանման ձարխոտն առաջվա նման շատ է, բայց ահա բարձր ծառերը, որոնցով այնքան հարուստ է Ամազոնի ավազանը, անհետ չքացան։ Դրա փոխարեն որքա՜ն հաճելի էր այդ անհյուրընկալ ապառաժների միջև հանդիպել մեր պատատուկին, լիանային և բեգոնիային՝ ծաղիկներ, որոնք հիշեցնում էին հայրենի երկրի մասին։ Ահա, ճիշտ այսպիսի կարմիր մի բեգոնիա էլ ծաղկում է Ստրիտեմի վիլլաներից մեկի պատուհանում․․․ Սակայն կարծես թե ես աննկատելիորեն թեքվեցի մի կողմ, դեպի անձնական հիշողությունների բնագավառը։
Այդ երեկոյան, ― ես դեռ շարունակում եմ պատմել սարահարթի կատարած մեր առաջին օրվա պտույտի մասին, ― մի բան պատահեց, որից հետո այլևս ոչ ոք չէր կասկածում, որ ամենամոտիկ ապագայում մեզ հրաշքներ են սպասում։
Թանկագին միստր Մակ֊Արդլ, այս տեղերը կարդալով, դուք երևի առաջին անգամ կզգաք, որ խմբագրությունն ինձ իզուր չի ուղարկել այստեղ և որ այս նյութը, որը կարելի կլինի տպագրել պրոֆեսորի թույլտվությամբ, արտասովոր կերպով հետաքրքիր է։ Ես ինքս էլ միայն այն դեպքում կհամարձակվեմ հրապարակել այդ նյութը, երբ վերադառնամ Անգլիա իմ խոսքերի իրավացիությունը հաստատող իրեղեն ապացույցներով, այլապես ինձ մի նոր Մյունհաուզեն կանվանեն։
Այս հարցում հավանորեն դուք ինձ հետ համամիտ եք և չեք ուզենա վտանգի ենթարկել «Դեյլի գազետ»֊ի անունը, մինչև որ մենք կարող կլինենք արժանավոր ձևով պաշտպանվել հոռետեսության և քննադատության այն ալիքի դեմ, որն անխուսափելիորեն կառաջացնեն իմ հոդվածները։ Ուստի թող այս ապշեցուցիչ դեպքի հաշվետվությունը, ― ինչպիսի՜ սենսացիոն վերնագիր կարող էր տալ այն մեր տատիկ «Դեյլիին», ― առայժմ մնա ձեր սեղանի դարակում և սպասի իր ժամին։
Բայց ախր ամեն ինչ կատարվեց մի ակնթարթում, և այդ իրադարձությունը իր հետքը թողեց միայն մեր ուղեղներում։
Ահա թե ինչպես պատահեց։ Լորդ Ջոնը խփեց մի ագուտի՝ խոզի նման ոչ մեծ մի կենդանի։ Մսի կեսը տվինք հնդկացիներին, մյուս կեսը խարույկի վրա խորովում էինք մեզ համար։ Մթնելուց հետո այստեղ զով է լինում, ուստի ամեն մեկս սեղմվում էր դեպի կրակը։ Գիշերն անլուսին էր, բայց աստղերը մի փոքր ցրում էին խավարը, որ կախվել էր հարթավայրի վրա։ Եվ հանկարծ այդ մթության միջից, այդ գիշերային խավարից սավառնակի վզզոց հիշեցնող սուլոցով ինչ֊որ արարած վերևից նետվեց խարույկի վրա։ Մի ակնթարթ թաղանթավոր թևերը վրանի պես ծածկեցին մեզ, և ես հասցրի նկատել, նրա երկար, օձային վիզը, կարմիր փայլող կատաղի աչքերը և հսկայական բացված կտուցը, որի վրա, ի մեծ զարմանս իմ, շարված էին մանր, սպիտակ, շլացուցիչ ատամներ։ Մի վայրկյան, և այդ արարածը հեռացավ․․․ մեր ընթրիքի հետ միասին։ Լայնությամբ մոտ քսան ոտնաչափ սև, վիթխարի ստվերը խոյացավ դեպի երկինք, հրեշավոր թևերը մի պահ հանգցրին աստղերը մեր գլխավերևում կուտակված ապառաժների ետևում։ Ապշած ու լուռ նստել էինք խարույկի մոտ, ինչպես Վիրգիլիոսի այն հերոսները, որոնց վրա հարձակվում են հարպիաները։[29]
Առաջինը Սամերլին խզեց լռությունը։
― Պրոֆեսոր Չելենջեր, ― հանդիսավոր, հուզմունքից դողացող ձայնով խոսեց նա, ― ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից։ Ես անիրավացի էի, սըր, բայց հուսով եմ, որ դուք անցյալը մոռացության կտաք։
Այդ լավ էր ասված, և առաջին անգամ մեր գիտնականները սեղմեցին իրար ձեռք։ Ահա թե ինչ տվեց մեզ պտերոդակտիլի հետ անմիջական ծանոթությունը։ Հանուն այդպիսի մարդկանց հաշտեցման ափոսոս չէր նաև ընթրիքը կորցնել։
Սակայն եթե սարահարթում կան էլ մինչպատմական կենդանիներ, ապա հավանորեն դրանք այնքան էլ շատ չեն, որովհետև երեք օրվա ընթացքում ոչ մի այդպիսի բան չտեսանք։ Այդ ամբողջ ժամանակ մենք գնում էինք սարահարթի հյուսիսային և արևելյան պատնեշների երկարությամբ, քայլում մերկ, մռայլ ու ճնշող վայրերով։ Սկզբում դա քարե անապատ էր, որին հաջորդեցին վայրի թռչուններով առատ տխուր ճահճուտներ։ Այդ տեղերը բոլորովին անմատչելի էին և եթե քարափի ստորոտում ընկած հողի բարակ շերտը չլիներ, ստիպված պիտի լինեինք ետ դառնալ։
Քանի՜֊քանի անգամ մինչև գոտկատեղերս խրվեցինք կիսաարևադարձային ճահճուտների ջրիկ խյուսի մեջ։ Սակայն ամենավատը յարակակիներն էին՝ Հարավային Ամերիկայի ամենաթունավոր ու չար օձերը, որոնք վխտում էին այդ ճահիճներում։ Նրանք ամբողջ վտառներով դուրս էին սողում գարշահոտ խրուտներից և ընկնում մեր ետևից։ Մեզ փրկում էին միայն հրացանները, որ պահում էինք պատրաստ։ Ես հավանորեն հավիտյան չեմ մոռանա ճախնուտում եղած մի ձագարաձև փոս, որը ծածկված էր գորշ կանաչավուն ծառալոռով։ Այնտեղ այդ իժերի բույնն էր, փոսի մեջ նրանք վխտում էին․ մեզ տեսնելով՝ իժերը նետվեցին մեր կողմը, քանի որ յարակակին հայտնի է հենց նրանով, որ հերիք է միայն մարդ նկատի, որպեսզի անմիջապես հարձակվի նրա վրա։ Հնարավոր չէր բոլոր օձերին սպանել, ուստի մենք դիմեցինք փախուստի և այնքան վազեցինք, մինչև ուժասպառ եղանք։ Կանգ առնելով, ես ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մեր զարհուրելի հետապնդողները գալարվում եղեգների մեջ, չկամենալով հետապնդումը դադարեցնել։ Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը։ Այն քարտեզում, որ մենք գծագրում ենք, այդ տեղն այդպես էլ կկոչվի՝ Օձերի ճահիճ։
Սարահարթի արևելյան կողմում ապառաժներն ոչ թե կարմիր էին, այլ մուգ շոկոլադագույն, նրանց գագաթները եզրազարդող բուսականությունը նկատելիորեն նոսրացավ, բայց, չնայած լեռնապարի ընդհանուր մակարդակն իջավ մինչև երեք հարյուր֊չորս հարյուր ոտնաչափ, մենք այստեղ էլ չկարողացանք վերելքի տեղ գտնել։ Ապառաժները թերևս նույնիսկ ավելի սեպ դարձան, քան այնտեղ էին, որտեղից սկսեցինք մեր շրջապտույտը։ Նրանց միանգամայն անառիկ լինելու մասին կարելի է դատել կից նկարով, որն արված է քարե անապատի կողմից։
― Բայց ախր պետք է որ անձրևաջուրը որևէ կերպ ցած հոսի, ― ասացի ես, երբ մենք քննարկում էինք, թե այսուհետև ինչ անենք։ ― Նշանակում է, չի կարող լանջերին ողողատ չլինել։
― Մեր պատանի բարեկամը երբեմն առողջ դատողության առկայծումներ է ունենում, ― պատասխանեց պրոֆեսոր Չելենջերը՝ ուսիս թփթփացնելով։
― Անձրևաջուրը պե՛տք է որ մի տեղ հոսի, ― կրկնեցի ես։
― Չէ, մի տեսեք ի՜նչ համառն է, ինչպիսի՜ առողջ միտք ունի․․․ Դժբախտությունը միայն այն է, որ մենք մեր աչքով համոզվեցինք այդպիսի ողողատների բացակայության մեջ։
― Այդ դեպքում ո՞ւր է կորչում այդ ջուրը, ― անձնատուր չէի լինում ես։
― Ուրեմն սարահարթի կենտրոնում լի՞ճ կա։
― Ենթադրում եմ, որ այդպես է։
― Եվ, ամենայն հավանականությամբ, նա առաջացել է հին խառնարանի տեղում, ― ասաց Սամերլին։ Այս բլրաշարքի ֆորմացիան ակնհայտորեն հրաբխային ծագում ունի։ Համենայն դեպս, ես հակված եմ կարծելու, որ սարահարթի մակերեսը թեքվածք ունի դեպի կենտրոնը, իսկ այնտեղ գոյություն ունի մի նշանակալլից ավազան, որտեղից ջուրը ինչ֊որ ստորերկրյա ճանապարհով հոսում է դեպի Օձերի ճահիճը։
― Կամ գոլորշիանում է, որը նույնպես նպաստում է ջրի մակարդակի անհրաժեշտ պահպանմանը, ― նկատեց Չելենջերը, որից հետո մեր երկու գիտնականները, ըստ սովորականի, սկսեցին իրենց գիտական վեճը, որը մեզ՝ անտեղյակներիս համար իրոք որ չինարեն էր։
Վեցերորդ օրը վերջացրինք լեռնապարի շրջանցումը և վերադարձանք մեր նախկին կայանը՝ բրգաձև ժայռի մոտ։ Վերադարձանք ընկճված, որովհետև շրջանցումը վերջնականապես համոզեց մեզ, որ նույնիսկ ամենաճարպիկ և ուժեղ ալպինիստները չեն կարող բարձրանալ այդ սարահարթը։ Այն ձորակը, դեպի ուր տանում էին Մեպլ֊Ուայտի նշասլաքները, և որոնցով նա, հավանորեն, ինքն էլ օգտվել էր, այժմ անանցանելի էր։
Ի՞նչ էր մնում անելու։ Սննդամթերքը և այն, ինչ որսացել էինք, լիովին բավական էր մեզ, բայց չէ՞ որ կգա մի օր, երբ անհրաժեշտ կլինի մեր պաշարները լրացնել։ Մի երկու ամսից հետո կսկսվեն անձրևները, և այն ժամանակ չես կարող ճամբարում նստել։ Այս ապառաժները մարմարից ամուր են, մենք ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ կունենանք, որպեսզի արահետ փորենք մինչև այսպիսի բարձրունքը։ Ուստի զարմանալի ոչինչ չկա, որ ամբողջ երեկո մենք մռայլ նայում էինք իրար և, վերջապես առանց ավելորդ խոսքեր շռայլելու՝ մտանք վերմակների տակ։ Քնելուց առաջ էլ դեռ հիացա հետևյալ տեսարանով․ Չելենջերը ծալապատիկ նստել էր խարույկի մոտ, ինչպես վիթխարի դոդոշ, ձեռքերը հենած իր խոշոր գլխին, և, ըստ երևույթին, այնպես էր խորասուզված մտքերի մեջ, որ նույնիսկ իմ «բարի գիշերին» չպատասխանեց։
Սակայն առավոտյան մեր առաջ կանգնած էր մի բոլորովին ուրիշ Չելենջեր։ Ինչպես երևում է, այդ Չելենջերը հիացած էր իր անձով և ողջ էությամբ ճառագում էր ինքնաբավականությունից։ Նախաճաշի ընթացքում նա մի գլուխ նայում էր մեզ շինծու համեստությամբ, կարծես ասելով․ «Ես արժանի եմ ձեր բոլոր գովեստներին, գիտեմ, բայց աղաչում եմ, մի ստիպեք ինձ ամաչելուց կարմրել»։ Նրա մորուքը շարունակ տնկվում էր վեր, կուրծքը առաջ էր ցցված, աջ ձեռքը խրած էր բաճկոնակի փեշի տակ։ Նա իրեն երևի տեսնում էր այդպես կանգնած Տրաֆալգարյան պուրակի պատվանդաններից մեկի վրա, որը դեռ զբաղված չէր լոնդոնյան մի նոր հերթական խրտվիլակի կողմից։
― Է՛վրիկա, ― վերջապես ձայն տվեց Չելենջերը՝ մորուքի միջից փայլեցնելով ատամները։ ― Ջենտլմեններ, կարող եք շնորհավորել ինձ, իսկ ես կարող եմ շնորհավորել ձեզ բոլորիդ։ Խնդիրը լուծված է։
― Դուք գտել եք, թե որտեղի՞ց կարելի է սարահարթ բարձրանալ։
― Համարձակվում եմ այդպես մտածել։
― Որտեղի՞ց։
Պատասխանի փոխարեն Չելենջերը ցույց տվեց բրգաձև ժայռը, որը վեր էր խոյանում մեր կայանի աջ կողմում։ Մեր դեմքերը զարմանքից ձգվեցին․ իմ դեմքի համար համենայն դեպս երաշխավորում եմ։ Չելենջերի պատմածներից մենք գիտեինք, որ այդ ժայռի վրա բարձրանալ կարելի է։ Բայց չէ՞ որ նրա և սարահարթի միջև ընկած էր մի անտակ անդունդ։
― Մենք ոչ մի կերպ այնտեղից սարահարթ անցնել չենք կարող, ― հազիվ արտասանեցի ես։
― Ժայռի վրա մենք այսպես թե այնպես կբարձրանանք, ― ասաց նա։ ― Իսկ այնտեղ կտեսնենք, թերևս ես կարողանամ ապացուցել, որ իմ հնարամտությունը սահման չունի։
Նախաճաշից հետո մենք արձակեցինք այն հակը, որի մեջ մեր ղեկավարը պահում էր իր բոլոր ալպինիստական հարմարանքները։ Հակի միջից հանեցինք երկաթի կատվիկները, կեռերը և մոտ հարյուր հիսուն ոտնաչափ երկարությամբ պինդ, թեթև ճոպանը։ Լորդ Ջոնը փորձված ալպինիստ էր, Սամերլին նույնպես առիթ էր ունեցել դժվարին վերելքներ կատարելու, հետևաբար այդ գործում սկսնակը միայն ես էի։ Սակայն ուժն ու կրակը պետք է փոխարինեին իմ փորձի բացակայությունը։
Պարզվեց, որ խնդիրն այնքան էլ դժվար չէ, չնայած եղան րոպեներ, երբ վախից մազերս փշաքաղվում էին։ Վերելքի առաջին կեսը բոլորովին հեշտ անցավ, բայց այնուհետև ժայռն ավելի ու ավելի սևպացավ, և վերջին հիսուն ոտնաչափը մենք վեր էինք մագլցում ոտքերով ու ձեռքերով կառչելով յուրաքանչյուր ելուստից, քարերի մեջ եղած յուրաքանչյուր ճեղքից։ Ո՛չ ես, ո՛չ էլ պրոֆեսոր Սամերլին չէինք կարող վերելքը հաղթահարել, եթե Չելեմջերը չլիներ։ Նա առաջինը հասավ բարձրունք (տարօրինակ էր այդ ծանրամարմին մարդու մեջ այդպիսի ճարպկություն տեսնել) և ճոպանը կապեց այնտեղ աճած խոշոր ծառի բնին։ Նրա օգնությամբ շուտով մենք վեր մագլցեցինք քարե խորդուբորդ պատնեշի վրայով և հայտնվեցինք քսանհինգ ոտնաչափ լայնություն ունեցող խոտածածկ մի հարթակում։ Ժայռի կատարը հենց այդ էր։
Մի փոքր շունչս ետ բերելով՝ նայեցի ետ և ապշեցի իմ առաջ բացված տեսարանից։ Թվում էր, թե բրազիլական ողջ հարթավայրն էր փռվել մեր դեմ՝ ձգվելով դեպի կապտավուն ծխով պարուրված հեռուները։ Մեր ոտքերի մոտից սկսվում էր զառիկող քարե թեքությունը, որը տեղ֊տեղ ծածկված էր ծառանման ձարիխոտով, իսկ դենը, թամբաձև բլրակների ետևում, պարզ երևում էին բամբուկի դեղնականաչ մացառուտները, որոնց միջով վերջերս անցել էինք մենք։ Այնուհետև թփերն ու ծառերը խտանում էին և, վերջապես, ձուլվում ջունգլիների համատարած պարսպի մեջ, ջունգլիներ, որոնք ձգվում էին որքն աչքդ կտրի և, հավանորեն, էլի մի երկու հազար մղոն դեպի երկրի խորքերը։
Ես դեռ արբենում էի այդ կախարդական համայնապատկերով երբ հանկարծ պրոֆեսորի ծանր ձեռքն իջավ իմ ուսին։
― Այստեղ նայեք, իմ պատանի բարեկամ, ― ասաց նա։ ― Vestigia nulla retrorsum:[30] Ես հայացքս դարձրի սարահարթի կողմը։ Նա գտնվում էր մեզ հետ հավասար բարձրության վրա, և հատուկենտ ծառերով թփուտի կանաչ եզրագոտին այնքան մոտ էր ժայռին, որ ես ակամա կասկածեցի՝ մի՞թե նա իրոք անմատչելի է։ Աչքի չափով այս անդունդը քառասուն ոտնաչափից ավելի լայնություն չուներ, բայց միևնույն չէ՞, ― քառասուն կամ չորս հարյուր ոտնաչափ։ Ես բռնեցի ծառի բնից և նայեցի ներքև, դեպի անդունդը։ Այնտեղ, նրա հատակում սևին էին տալիս մեր կողմը նայող հնդկացիների պստլիկ ֆիգուրաները։ Երկու պատն էլ՝ և՛ ժայռինը, և՛ սարահարթինը, բոլորովին թեք էին։
― Հետաքրքիր է, ― լսեցի իմ ետևից պրոֆեսոր Սամերլիի ճռճռան ձայնը։
Ետ նայեցի ու տեսա, որ նա մեծագույն հետաքրքրությամբ զննում է այն ծառը, որն ինձ պահում էր անդունդի վրա։ Նրա հարթ կեղևի և փոքրիկ կողավոր տերևների մեջ ինչ֊որ խիստ ծանոթ բան կար։
― Բայց սա հո հաճարենի է, ― բացականչեցի ես։
― Միանգամայն ճիշտ է, ― հաստատեց Սամերլին։ ― Մեր հայրենակիցը նույնպես ընկել է օտարության մեջ։
― Ոչ միայն հայրենակից, հարգելի սըր, այլև հավատարիմ դաշնակից, եթե բանն այդտեղ հասավ, ― ասաց Չելենջերը։ ― Այս հաճարենին մեր փրկիչն է լինելու։
― Կամո՛ւրջ, ― գոչեց լորդ Ջոնը։ ― Ողորմա՜ծ տեր, կամո՛ւրջ։
― Ճիշտ է, բարեկամներս, կամուրջ։ Իզուր չէ, որ երեկ ես ամբողջ մի ժամ գլուխ էի կոտրում՝ աշխատելով որևէ ելք գտնել։ Եթե մեր պատանի բարեկամը հիշում է, ապա նրան մի անգամ արդեն ասված է, Ջորջ Էդուարդ Չելենջերն իրեն ամենից լավ է զգում, երբ նրան դեմ են անում պատին։ Իսկ երեկ, դուք այդ, իհարկե, չեք ժխտի, մենք բոլորս էլ պատին սեղմվեցինք։ Բայց այնտեղ, ուր ինտելեկտն ու կամքը գործում են միասին, միշտ էլ մի ելք կգտնվի։ Այս անդունդի վրա անհրաժեշտ է կամուրջ գցել։ Ահա, նա ձեր առաջ է։
Իսկապե՛ս որ փայլուն միտք։ Ծառը վաթսուն ոտնաչափից ոչ պակաս բարձրություն ուներ, և եթե ընկներ այնպես, ինչպես պետք է՝ անդունդը կծածկվեր։ Պատրաստվելով վերելքի՝ Չելենջերը չէր մոռացել հետը կացին վերցնել։ Այժմ նա այդ կացինը մեկնեց ինձ։
― Մեր պատանի բարեկամը նախանձելի մկաններ ունի։ Նա բոլորից լավ գլուխ կբերի այս գործը։ Բայց և այնպես, խնդրում եմ, արեք միայն այն, ինչ որ կասվի ձեզ, և մի ջանաք նեղություն տալ ձեր ուղեղին։
Հետևելով նրա ցուցումներին՝ ես ծառի վրա մի քանի քարթ արի այն հաշվով, որպեսզի նա ցած ընկնի անհրաժեշտ ուղղությամբ։ Խնդիրն այնքան էլ դժվար չէր, որովհետև նրա բունը ինքնին խիստ թեքվել էր սարահարթի կողմը։ Ապս մենք լորդ Ջոնի հետ փոխնիփոխ լուրջ կերպով գործի անցանք։ Մոտավորապես մի ժամից հետո լսվեց մի ուժեղ ճռնչյուն, ծառը ճոճվեց ու ցած տապալվեց, գագաթը թաղելով անդունդի հակառակ կողմի թփերում։ Բունը գլորվեց դեպի հարթակի ծայրը, և մի սարսափելի ակնթարթ թվաց, թե ընկնելու է անդունդը։ Բայց նա ժայռի եզրից մի քանի ոտնաչափի վրա ցնցվեց ու կանգ առավ։ Դեպի Անհայտ երկիր կամուրջը գցված էր։
Բոլորոս առանց մի խոսք ասելու սեղմեցինք պրոֆեսոր Չելենջերի ձեռքը, իսկ նա հանեց իր ծղոտե գլխարկը և խոր գլուխ տվեց յուրաքանչյուրիս։
― Ինձ է պատկանում առաջինը Անհայտ երկիր ոտք դնելու պատիվը, ― ասաց նա։ ― Չեմ կասկածում, որ ապագայի նկարիչներն իրենց կտավների վրա կպատկերեն այս պատմական րոպեն։
Նա արդեն մոտեցել էր անդունդի ծայրին, երբ հանկարծ լորդ Ջոնը բռնեց նրա բաճկոնակից։
― Թանկագին պրոֆեսոր, ― ասաց նա, ― ես ոչ մի պայմանով չեմ կարող այդ բանը թույլ տալ։
― Այսինքն ինչպե՞ս, սըր։ Չելենջերի գլուխը թեքվեց ետ, մորուքը վեր ցցվեց։
― Ամեն ինչում, որ վերաբերում է գիտությանը, ես ճանաչում եմ ձեր առաջնությունը, որովհետև դուք գիտնական եք։ Բայց սա իմ ճյուղին է պատկանում, այնպես որ բարի եղեք ենթարկվելու ինձ։
― Ինչպե՞ս թե «ձեր ճյուղին», սըր։
― Մեզնից ամեն մեկն իր արհեստն ունի, և իմը զինվորական արհեստ է։ Որքան ես հասկանում եմ, մենք պատրաստվում ենք ներխուժել մի չուսումնասիրված երկիր՝ թերևս լի թշնամիներով։ Մի փոքր առողջ բանականություն և տոկունություն։ Ես սովոր չեմ գործել առանց կշռադատելու։
Լորդ Ջոնի փաստարկներն այնքան համոզիչ էին, որ հարկ չեղավ նրա հետ վիճել։ Չելենջերը ետ գցեց գլուխը և ուսերը թոթվեց։
― Լավ, սըր, ի՞նչ եք առաջարկում։
― Ով գիտե, թերևս այդ թփերում պահվել է մարդակերների մի ցեղ, որի նախաճաշի ժամն է հիմա, ― ասաց լորդ Ջոնը՝ կամուրջի վրայից նայելով դեպի ապառաժները։ ― Կընկնենք եռացող կաթսայի մեջ, այն ժամանակ մտածելն ուշ կլինի։ Ուստի, եկեք մտածենք, որ ոչ մի վատ բան չի սպասում մեզ, բայց համենայն դեպս զգույշ գործենք։ Ես և Մելոունը կիջնենք ցած, կվերցնենք չորս հրացանները և երկու մետիսների հետ ետ կգանք։ Հետո մեզնից մեկը հրացանների պաշտպանությամբ կանցնի մյուս կողմը, և, եթե ամեն ինչ բարեհաջող գնա, մյուսները կհետևեն նրան։
Չելենջերը նստեց կտրած ծառի կոճղին և անհամբերությունից տնքաց, բայց ես և Սամերլին միահամուռ կերպով պաշտպանեցինք լորդ Ջոնին՝ գտնելով, որ երբ բանը հասնում է պրակտիկային, ղեկավարության իրավունքը պետք է պատկանի նրան։
Ժայռի վրա բարձրանալն այժմ շատ ավելի հեշտ էր, որովհետև ամենադժվարին տեղում ճոպանն օգնում էր մեզ։ Մի ժամից հետո հրացաններն առած վերադարձանք։ Լորդ Ջոնի կարգադրությամբ մետիսները մի պարկ սննդամթերք վեր բարձրացրին՝ ի նկատի ունենալով, որ մեր առաջին արտելքը դեպի Անհայտ երկիր կարող էր երկար տևել։ Յուրաքանչյուրի փամփուշտները գտնվում էին իր մոտ։
― Դե, միստր Չելենջեր, եթե դուք ուզում եք անպայման առաջինը լինել․․․ ― ասաց լորդ Ջոնը, երբ բոլոր նախապատրաստություններն ավարտված էին։
― Անսահման պարտավորված եմ ձեզ՝ նման ողորմածության համար, ― չարությամբ պատասխանեց պրոֆեսորը, որն իր հեղինակությունից բացի ուրիշ ոչ մի հեղինակություն չէր ընդունում։ ― Եթե դուք դեմ չեք, ես կօգտվեմ ձեր սիրալիրությունից և հանդես կգամ իբրև պիոներ։
Նա կացինը ուսին գցեց, հեծավ ծառին և, ձեռքերի վրա հենվելով, արագորեն անցավ այն կողմը, ոտքի ելավ և ձեռքերը վեր պարզեց։
― Վերջապե՜ս, ― գոչեց նա։ ― Վերջապե՜ս։
Ես ահ ու դողով հետևում էի նրան՝ սպասելով, թե ինչ է պատրաստում նրա համար այդ կանաչ ծածկոցը։ Բայց շուրջը խաղաղ էր, միայն ինչ֊որ տարօրինակ, խայտաբղետ թռչուն թռավ պրոֆեսորի ոտքերի տակից և կորավ ծառերի ետևում։
Երկրորդը Սամերլին անցավ անդունդի վրայով։ Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան ուժ կա այդ նիհար մարմնի մեջ։ Նա ուզեց անպայման երկու հրացան վերցնել իր հետ, այնպես որ այժմ երկու պրոֆեսորն էլ զինված էին։ Հետո հերթը հասավ ինձ։ Ես աշխատում էի չնայել ներքևում բացվող զարհուրելի անդունդին։ Սամերլին հրացանի խզակոթը պարզեց ինձ, իսկ մի վայրկյան հետո ես արդեն բռնել էի նրա ձեռքից։ ԻՆչ վերաբերում է լորդ Ջոնին, ապա նա պարզապես անցավ կամրջի վրայով, անցավ առանց որևէ բանի վրա հենվելու։ Այդ մարդը երկաթյա ջղեր ունի։
Եվ ահա մենք չորսով կախարդական երկրում ենք, Կորուսյալ աշխարհում, ուր մինչև այժմ միայն Մեպլ֊Ուայտն է եղել։ Հասավ մեծագույն հաղթանակի րոպեն։ Բայց ո՞վ կարող էր մտածել, որ այդ րոպեին մեզ համար մեծագույն դժբախտությունների սկզիբն է լինելու։ Թույլ տվեք, ուրեմն, մի քանի խոսքով պատմել, թե այդ զարհուրելի հարվածն ինչպես պայթեց մեր գլխին։
Նոր էինք հեռացել անդունդի եզրից և մի հիսուն ոտնաչափ խորացել թփուտների մեջ, երբ հանկարծ մեր ետևում մի խլացուցիչ թնդյուն լսվեց։ Մենք բնազդաբար վազեցինք այն կողմը։ Մեր կամուրջն այլևս գոյություն չուներ։
Նայելով ներքև՝ ես անդունդի հատակին տեսա տաշեղների ու ճյուղերի մի շփոթ՝ այն ամենը, ինչ֊որ մնացել էր հաճարենուց։ Մի՞թե հարթակի եզրը չէր դիմացել այդպիսի ծանրության և փլվել էր։ Այդ առաջին միտքն էր, որ անցավ մեր գլխով։ Իսկ հետո բրգաձև ժայռի ետևից դանդաղորեն երևաց ինչ֊որ մեկի դարչնագույն կերպարանքը։ Դա մեր մետիս Գոմեսն էր։ Բայց ո՞ւր էր կորել նրա զուսպ ժպիտը և սֆինքսային անթափանցելիությունը։ Ատելությունն աղավաղել էր մեզ նայող այդ դեմքը, հագեցած վրեժխնդրությունը խելագար ցնծությամբ էր վառել նրա այտերը։
― Լորդ Ռոքստոն, ― բղավեց նա։ ― Լո՛րդ Ջոն Ռոքստոն։
― Ի՞նչ ես ուզում, ― պատասխանեց մեր ուղեկիցը։ ― Ես այստեղ եմ։
Ճայթող քրքիջի ձայնը հասավ մեզ։
― Այո, դու այդտեղ ես, անգլիացի շո՛ւն, և էլ այդտեղից դուրս չես պրծնի։ Ես սպասում էի, վաղուց էի սպասում, թե երբ կգա իմ ժամը։ Ձեզ համար դժվար էր վերև բարձրանալը, իսկ ցած իջնելն ավելի դժվար կլինի։ է՛հ, անխելքնե՜ր։ Ընկա՞ք թակարդը։ Բոլորդ միասին ընկաք։
Մենք ապշած, խոսք չէինք գտնում և լուռ նայում էինք մետիսներին։ Մի մեծ, ջարդված ոստ, որ ընկած էր խոտերի վրա, բացատրում էր, թե ինչն է ծառայել իբրև լծակ մեր կամուրջը ցած գլորելիս։ Նրա դեմքը կորավ թփերում, բայց մի վայրկյան հետ նորից երևաց՝ է՛լ ավելի աղավաղված ատելությունից։
― Մենք քիչ էր մնում ձեզ քարով սպանեինք քարայրի մոտ, ― ձայն տվեց նա, ― բայց այսպես ավելի լավ է։ Դանդաղ մահն ավելի սարսափելի է։ Ձեր ոսկորները կճերմակեն, և ոչ մի մարդ չի իմանա, թե նրանք որտեղ են հանգչում, ոչ մի մարդ չի գա հողով ծածկելու դրանք։ Երբ շունչդ փչելու կլինես, հիշի՛ր Լոպեսին, որին հինգ տարի առաջ սպանեցիր Պատումայո գետի մոտ։ Ես նրա եղբայրն եմ, և ինչպես էլ որ մեռնելու լինեմ, կմեռնեմ հանգիստ, որովհետև նրա վրեժն առա։
Մետիսը ցասկոտությամբ բռունցք ցույց տվեց ու չքացավ։ Տիրեց ծանր լռություն։
Եթե Գոմեսը վրեժը հագեցնելուց հետո, միայն դրանով էլ սահմանափակվեր, հեշտ կպրծներ։ Նրան կործանեց դրամատիկական էֆեկտների հանդեպ ունեցած խելահեղ կիրքը, որ հատուկ է լատինական ցեղի բոլոր մարդկանց, իսկ Ռոքստոնը, որը «աստծու խարազանի» համբավ ուներ Հարավային Ամերիկայի երեք երկրներում, թույլ չտվեց իր հետ կատակ անել։ Մետիսն արդեն իջնում էր ժայռի հակադիր լանջով, բայց նրան այնպես էլ չհաջողվեց ոտքը հողին դնել։ Լորդ Ջոնը վազում էր սարահարթի եզրով, որպեսզի նրան աչքից չփախցնի։ Որոտաց կրակոցը, մենք լսեցինք մի սուր ճիչ, և մի վայրկյան հետո՝ վայր ընկնող մարմնի մի խուլ թմփոց։ Ռոքստոնը վերադարձավ մեզ մոտ, նրա դեմքն ասես քարացել էր։
― Ես կույր եմ, ցանցառի մեկը, ― դառնությամբ ասաց նա։ ― Իմ հիմարությունը կործանեց բոլորիդ։ Ինչու պիտի մոռանայի, որ այդ մարդիկ ոչինչ չեն ներում, որ նրանց հետ միշտ էլ պետք է զգույշ լինել։
― Իսկ ինչո՞ւ մյուս մետիսին խնայեցիք։ Չէ՞ որ առանց նրա օգնության Գոմեսը չէր կարող ծառը ներքև գլորել։
― Կարող էի նրան էլ վերջ տալ, միայն թե խղճացի։ Միգուցե նա մեղք չունի։ Բայց թերևս դուք ճիշտ եք։ Ավելի լավ էր նրան էլ սպանել․ նա հավանորեն օգնել է Գոմեսին։
Այժմ, երբ դավաճանության իսկական աստառը պարզվեց, մենք սկսեցինք հիշել, որ մետիսի վարքը շատ բաներում կասկածելի էր։ Ամեն ինչ հասկանալի դարձավ՝ և՛ նրա համառ ձգտումը՝ թափանցել արշավախմբի պլանների մեջ, և՛ գժտությունը խրճիթի մոտ, երբ Սամբոն խանգարել էր նրան ականջ դնելու մեր խոսակցությունը, և՛ նրա ատելությամբ լի հայացքները, որ հաճախ մենք որսում էինք։ Շարունակեցինք քննարկել այդ բոլորը՝ միաժամանակ աշխատելով վարժվել դեպքերի նոր ընթացքին, երբ հանկարծ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքրական տեսարան, որ տեղի էր ունենում ներքևում, քարափի ստորոտին։ Սպիտակ հագած մի մարդ, ― հավանորեն, ողջ մնացած մետիսը, ― ամբողջ ուժով փախչում էր հարթավայրով, ասես ջանալով ազատվել վերահաս մահից։ Նրա ետևից վիթխարի ցատկերով վազում էր ձյութի նման սև մի հսկա՝ մեր հավատարիմ նեգր Սամբոն։ Մեր աչքի առաջ նա հասավ փախստականին, թռավ նրա մեջքին և նրա վիզը երկու ձեռքերի մեջ առավ։ Նրանք գլորվեցին գետին։ Մի րոպե հետո Սամբոն ոտքի ելավ, նայեց իր առաջ մեկնված մարմնին և, ձեռքերն ուրախ թափահարելով մեր կողմը, վազեց դեպի ժայռը։ Սպիտակ, անշարժ կերպարանքն այնպես էլ պառկած մնաց դաշտավայրում։
Երկու դավաճանն էլ ստացան իրենց հատուցումը, բայց նրանց արարքն անուղղելի էր։ Մենք չէինք կարող վերադառնալ դեպի ժայռը։ Մի ժամանակ մեր կացարանն ամբողջ աշխարհն էր, իսկ այժմ նա նեղացել էր մինչև սարահարթի չափերը։ Մեկը և մյուսը գոյություն ունեին առանձին֊առանձին։ Ահա հարթավայրը, որը տանում էր դեպի թաքնված նավակները։ Իսկ այնտեղ, հորիզոնի բաց մանուշակագույն ծխի ետևում գետն էր, դեպի քաղաքակրթություն տանող ճանապարհը։ Չքացել էր միայն միակ կապող օղակը։ Ոչ մի հնարամտություն չէր կարող կամուրջ գցել այն անդունդի վրա, որ բացվում էր մեր ներկայի և անցյալի միջև։ Բավական էր մի ակնթարթ, և ինչպե՜ս ամեն բան փոխվեց։
Եվ այստեղ ես հասկացա, թե իմ երեք ընկերներն ինչ խմորից են հունցված։ Ճիշտ է, նրանց տեսքը շատ լուրջ էր ու կենտրոնացած, բայց ոչ մի բան չէր կարող խանգարել այդ մարդկանց անխռով հանգստությունը։ Մեզ ուրիշ բան չէր մնում, բայց եթե նստել թփերում և համբերությամբ սպասել Սամբոյին։ Շուտով նրա բարեհոգի սև կերպարանքը երևաց քարերի ետևից, և նա իր ողջ հզոր հասակով կանգնեց ժայռի կատարին։
― Հիմի ես ի՞նչ անել, ― ձայն տվեց Սամբոն։ ― Դուք ինձ ասա, ես ամեն ինչ անել։
Նման հարց տալը հեշտ էր, իսկ պատասխանելը՝ դժվար։ Մենք միայն մի բան գիտեինք։ Սամբոն մեր միակ հուսալի կապն էր արտաքին աշխարհի հետ։ Գոնե նա մեզ չլքեր։
― Չէ՛, չէ՛, ― բղավեց Սամբոն։ ― Ես ձեզ չթողնել։ Ես միշտ էստեղ։ Հնդկացիներ ուզեց գնալ։ Սամբոն չի կարող պահել հնդկացիներ։ Նրանք ասում՝ էստեղ ապրում Կուրուպուրի, տուն էրթանք։ Դուք չկա, իսկ Սամբոն մենակ չի կարող հնդկացիներ համոզել։
Իսկապես, վերջին ժամանակները հնդկացիները չէին աշխատում թաքցնել, որ ուզում են թողնել մեզ ու վերադառնալ իրենց տները։ Սամբոն ճիշտ էր ասում․ այժմ նրանց ետ պահելու ոչ մի հնար չկար։
― Սամբո, հնդկացիներին համոզիր՝ սպասեն մինչև վաղը։ Այն ժամանակ ես նրանց հետ նամակ կուղարկեմ, ― ձայն տվի ես։
― Լավ, սըր։ Հնդկացիներ կսպասեն վաղ։ Սամբո խոսք տալիս։
Գործ շատ ճարվեց մեր հավատարիմ նեգրի համար, և նա ամեն բան էլ հիանալի գլուխ բերեց։ Ամենից առաջ պատվիրեցինք արձակել ծառի շուրջը փաթաթված ճոպանը և մի ծայրը նետել մեզ։ Ճոպանը լվացքի պարանից հաստ չէր, բայց խիստ ամուր էր, և չնայած իբրև կամուրջ պիտանի չէր, այնուամենայնիվ նման իրը շատ անհրաժեշտ էր մեր պայմաններում։ Ապա Սամբոն ճոպանի մյուս ծայրին կապեց ուտելիքի պաշարով լի պարկը, որ արդեն հանել էր ժայռի վրա, և մենք պարկը քաշեցինք մեզ մոտ։ Սննդամթերքը ամենաքիչը մի շաբաթ հերիք կաներ մեզ, եթե նույնիսկ մեր պաշարը որսով չլրացնեինք։ Վերջապես Սամբոն վերև բարձրացրեց ևս երկու պարկ, որոնց մեջ փամփուշտներն էին և շատ այլ իրեր։ Այդ բոլորը ճոպանով քաշեցինք մեզ մոտ։ Արդեն երեկո էր, երբ մեր նեգրը վերջին անգամ իջավ ներքև, հաստատ հավատացնելով, որ հնդկացիները կմնան մինչև առավոտ։
Ահա թե ինչու այդ ամբողջ գիշերը, ― մեր առաջին գիշերը սարահարթում, ― ես անցկացրի լապտերի լույսի տակ՝ գրի առնելով մեր գլխով անցածը։
Գիշերելու տեղ ընտրեցինք զառիթափի եզրին, հենց այդտեղ էլ ընթրեցինք, հացի վրա ապոլինարուս խմելով, որից երկու շիշ գտնվեց մթերքի պարկերից մեկում։ Ջուր գտնելը մեզ համար մահու ու կենաց խնդիր է, բայց կարծում եմ, որ այսօրվա արկածները բավական են նույնիսկ լորդ Ջոնի համար, իսկ մյուսներն առավել ևս ոչ մի ցանկություն չունեն Անհայտ երկիրը հետազոտության գնալու։ Որոշեցինք խարույկ չվառել և ընդհանրապես աշխատում ենք որքան կարելի է քիչ աղմուկ հանել։
Վաղը, ավելի ճիշտ այսօր, որովհետև ես նստեցի մինչև լուսաբաց, մենք մեր առաջին արտելքը կկատարենք դեպի այս հանելուկային աշխարհը։ Ե՞րբ կհաջողվի շարունակել իմ գրառումները և կհաջողվի՞ արդյոք, չգիտեմ։ Առայժմ հնդկացիները դեռ այստեղ են՝ այստեղից ես տեսնում եմ նրանց, և համոզված եմ, որ շուտով մեր Սամբոն կգա նամակի ետևից։ Շատ հուսով եմ, որ նա շուտով կհասնի ըստ պատկանելույն։
Հ․ Գ․ Որքան շատ եմ մտածում մեր վիճակի մասին, այնքան անուրախ է թվում այն ինձ։ Վերադարձի հույս չունեմ։ Եթե սարահարթի եզրին մի ծառ լիներ, կարող էինք անդունդի վրա նոր կամուրջ գցել, բայց հիսուն ոտնաչափից մոտիկ ծառեր չկան, իսկ այդպիսի ծանրություն քարշ տալ զառիթափի մոտ չի հաջողվի նույնիսկ չորս հոգով։ Ճոպանն էլ շատ է կարճ, նրանով չես կարող ցած իջնել։ Ո՛չ, մեր դրությունն անհուսալի է, անհուսալի․․․
Գլուխ X «Ահա՛ հրաշքները»
Մեզ մոտ պատահել ու պատահում են իսկական հրաշքներ։ Իմ թղթի պաշարները բաղկացած են հինգ քրքրված ծոցատետրերից ու մի կույտ առանձին֊առանձին թերթիկներից, իսկ ստիլոգրաֆիկ մատիտ ընդամենը մեկ հատ է։ Բայց քանի դեռ ձեռքս ընդունակ է շարժվելու, ես չեմ դադարի մանրամասնորեն գրի առնել մեր արկածները, և, հիշելով, որ մարդկային ցեղի ներկայացուցիչներից միայն մենք ենք այդ հրաշքների ականատեսները, շտապում եմ նկարագրել, քանի դեռ դրանք թարմ են հիշողությանս մեջ և քանի դեռ չար բախտը վրա չի հասել, որից հավանորեն խույս տալ չենք կարող։
Արդյոք կարո՞ղ է Սամբոն իմ նամակները հասցնել Ամազոնի ափերը, թե՞ ինքս Լոնդոն կտանեմ դրանք՝ մի հրաշքով դուրս պրծնելով այստեղից, կընկնե՞ն այդ նամակները որևէ համարձակ մարդու ձեռք, որը, թերևս, կատարելագործված մոնոպլանով կթռչի֊կհասնի այս սարահարթը՝ չգիտեմ՝ սակայն, ինչ ուզում է լինի, հաստատապես համոզված եմ, որ այդ գրառումները կդառնան մեր ճշմարիտ արկածների դասական պատմությունը և որ դրանց է անմահություն վիճակված։
Անզգամ Գոմեսի սարքած ծուղակն ընկնելու հենց հետևյալ օրը մենք շատ բաներում լրացրինք մեր կենսափորձը։ Ասենք, այդ առավոտ ինձ վիճակված առաջին փորձությունը մի առանձին համակրանք չէր ներշնչում այն վայրի նկատմամբ, որ ճակատագիրը գցել էր մեզ։ Ես միայն լուսադեմին քնեցի և, զարթնելով, ինչ֊որ տարօրինակ բան տեսա իմ սրնքամկանի վրա։ Քնած ժամանակ շալվարիս աջ փողքը մի քիչ վերև էր բարձրացել, և այժմ նրա ու գուլպայիս միջև ոտքիս վրա նստած էր մի մեծ, հրակարմիր, խաղողահատիկ։ Ես զարմանքով ձեռք տվի նրան, և հանկարծ մեծագույն սարսափով ու զզվանքով տեսա, որ խաղողահատիկը տրաքեց մատներիս մեջ՝ չորս կողմ արյան ցայտեր թռցնելով։ Իմ աղաղակի վրա հասան երկու պրոֆեսորները։
― Չափազանց հետաքրքրական է, ― ասաց Սամերլին՝ թեքվելով ինձ վրա։ Վիթխարի շնաճանճ և, որքան ինձ հայտնի է, ո՛չ մի որոշչի մեջ չի մտցված։
― Մենք մեր ջանքերի առաջին պտուղներն ենք քաղում, ― խրատական տոնով թնդաց Չելենջերը։ ― Հարկ կլինի սրան անվանել Ixodes Maloni: Բայց, իմ պատանի բարեկամ, ինչ նշանակություն ունի այնպիսի մի չնչին բան, ինչպիսին շնաճանճի խայթոցն է, այն բանի համեմատությամբ, որ ձեր անունը կգրվի կենդանաբանության փառապանծ տարեգրություններում։ Դժբախտաբար, դուք այդ սքանչելի նմուշահատը ճզմել եք նրա հագենալու րոպեին։
― Ինչպիսի՜ գարշանք, ― բացականչեցի ես։
Պրոֆեսոր Չելենջերն ի նշան բողոքի բարձրացրեց իր թավ հոնքերը և հանգստացուցիչ եղանակով թփթփացրեց ուսիս։
― Սովորեցեք իրերին նայել գիտական տեսանկյունից, զարգացրեք ձեր մեջ գիտական սառնասրտություն, ― ասաց նա։ ― Փիլիսոփայական մտածողության տեր մարդու համար, ինչպիսին, օրինակ, ես եմ, այդ շնաճանճն իր նշտարաձև կնճիթով և ձգվող ստամոքսով հանդիսանում է բնության նույնպիսի հրաշալի ստեղծագործություն, ինչպես, ասենք, սիրամարգը կամ հյուսիսափայլը։ Ինձ համար ցավալի է լսել, որ դուք նրա մասին այդպես բացասաբար եք արտահայտվում։ Որոշ ջանքեր գործադրելու դեպքում չեմ կասկածում, որ մենք կարող ենք դրա երկրորդ օրինակը ձեռք բերել։
― Ես ևս չեմ կասկածում, ― մռայլորեն խոսեց Սամերլին, ― քանի որ այդ երկրորդ օրինակը մտավ ձեր օձիքի տակ։
Չելենջերը վեր թռավ տեղում և, ցուլի պես մռնչալով, սկսեց վրայի կուրտկան ու բաճկոնը պատառոտել։ Ես և Սամերլին այնպես զվարճացանք, որ նույնիսկ չէինք կարողանում օգնել նրան։ Վերջապես, մեզ մի կերպ հաջողվեց մերկացնել Չելենջերի հզոր իրանը (դերձակի չափումով՝ կրծքի լայնությունը հիսունչորս դյույում) և կուրծքը ծածկող սև մազերի թավուտում բռնել շնաճանճին, որը դեռևս ոչ մի վնաս չէր հասցրել նրան։ Պարզվեց, որ մեր շուրջը գտնվող բոլոր թփերի վրա վխտում էր այդ գարշանքը։ Որոշեցինք կայանը փոխադրել մի ուրիշ տեղ։
Բայց նախ անհրաժեշտ է պայմանավորվել մեր հավատարիմ նեգրի հետ, որը կակաոյի տուփերը և պաքսիմատի փաթեթները ձեռքին, շուտով հայտնվեց ժայռի կատարին։ Այդ բոլորը փոխադրվեց մեզ մոտ, պատվիրեցինք նրան ներքևում եղած մթերքներից երկու ամսվա պաշար առանձնացնել իր համար, իսկ մնացածը բաժանել հնդկացիներին իբրև վարձատրություն իրենց ծառայության և իբրև մեր նամակները Ամազոն հասցնելու երաշխիք։ Մի քանի ժամից հետո տեսանք, թե ինչպես նրանք, կապոցները գլխներին դրած, իծաշարուկ ձգվեցին հարթավայրով, այն նույն ճանապարհով, որով մենք այստեղ էինք եկել։ Սամբոն բնակություն հաստատեց բրգաձև ժայռի ստորոտին խփած մեր փոքրիկ վրանում՝ մնալով մեզ արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը։
Այժմ մեր առաջ դրված էր առաջիկա գործողությունների պլանի մշակման հարցը։ Մենք մեր կայանը շնաճանճերով լի թփուտից տեղափոխեցինք չորս կողմից ծառերով շրջապատված մի փոքրիկ բացատ։ Բացատի մեջտեղում ընկած էին մի քանի տափակ գլաքարեր, որոնցից ոչ հեռու մի հիանալի աղբյուր կար։ Մենք գոհունակությամբ սկսեցինք մշակել անծանոթ երկիր ներխուժելու մեր պլանները։ Խիտ սաղարթներից իրար ձայն էին տալիս թռչունները․ ամենից բարձր լսվում էր ինչ֊որ անծանոթ երգչի երկար սուլոցը։ Մենք այստեղ կյանքի ուրիշ ոչ մի նշան չնկատեցինք։
Առաջին բանը, որ պիտի անեինք, մեր ունեցվածքի մանրամանս ցուցակ կազմելն էր, որպեսզի հաստատ իմանանք, թե որքան ժամանակ կարող ենք մեզ ապահովված համարել։ Պարզվեց, որ մեր պաշարները լիովին բավարար են։ Հաշվի առանք ամեն ինչ՝ և՛ հետներս բերածը, և՛ նեգրի կողմից պարանով անցկացրածը։ Բայց որ ամենակարևորն էր, ― ի նկատի ունենալով այն վտանգները, որոնցից մենք, հավանորեն, չէինք կարող խույս տալ, ― մեզ մոտ էին բոլոր չորս հրացանները, հազար երեք հարյուր փամփուշտ նրանց համար, որսորդական հրացանը և մոտ հարյուր հիսուն միջին տրամաչափի փամփուշտ։ Սննդամթերքը կբավականացներ մի քանի շաբաթ, ծխախոտը՝ ինչքան ասես։ Կային նաև ուրիշ գիտական գործիքներ, ներառյալ ուժեղ հեռադիտակը և դաշտային ընտիր բինոկլը։ Այդ բոլորը դասավորեցինք բացատում, իսկ իբրև նախազգուշական միջոց կտրատեցինք փշոտ ճյուղեր և մեր կայանը ցակապատեցինք տասնհինգ յարդ տրամագծով։ Առաջին շրջանում այդ կայանը պետք է ծառայեր մեզ իբրև գլխավոր հավաքատեղի, ապաստարան, անակնկալ հարձակման դեպքում և մեր ամբողջ ունեցվածքի պահեստ։ Ճամբարն ստացավ «Չելենջերի ամրոց» անունը։
Միայն կեսօրին բացատում տեղավորվեցինք ― վերջացրինք, բայց շոգն այնքան էլ չէր տանջում մեզ։ Ընդհանրապես սարահարթում ջերմաստիճանը և բուսականության բնույթը ավելի մոտ էին բարեխառն, քան արևադարձային գոտուն։ Բացատն օղակաձև շրջափակող ծառերի մեջ կային հաճարենի, կաղնի և մինչև իսկ կեչի։ Վիթխարի մի գինգհո, որն իշխում էր իր բոլոր հարևանների վրա, հզոր ճյուղերով ու հովհարաձև տերևներով ստվերի տակ էր առել մեր ամրոցը։ Հենց նրա ստվերում էլ շարունակեցինք մեր զրույցը՝ խոսքը տալով լորդ Ջոնին, որը մեզ համար վճռական այդ ժամերին արշավախմբի ղեկավարությունն իր վրա էր վերցրել։
― Քանի դեռ որևէ կենդանի արարած, մարդ կամ գազան, միևնույն է, մեզ չի տեսել, մենք անվտանգ ենք, ― ասաց նա։ ― Սակայն հերիք է նրանք իմանան մեր հայտնվելը սարահարթում, և մեր խաղաղ կյանքը վերջացած է։ Առայժմ կարծես թե մենք ոչ մի կասկած չենք հարուցում։ Ուստի, առաջին շրջանում անհրաժեշտ է թաքնվել և հետախուզությունը վարել խիստ զգույշ։ Չի խանգարի կամաց֊կամաց աչք ածել հարեևաններին՝ նախքան այցելություններ սկսելը։
― Բայց ախր անհրաժեշտ է, որ առաջ գնանք, ― անվստահորեն ասացի ես։
― Սիրելի երիտասարդ, դուք միանգամայն իրավացի եք։ Մենք առաջ կգնանք առողջ բանականության թույլ տված սահմաններում։ Խորհուրդ չեմ տա շատ հեռանալ, հարկավոր է այնքան գնալ, որպեսզի ամեն րոպե հնարավոր լինի այստեղ, մեր ամրոցը վերադառնալ։ Եվ, որ ամենակարևորն է, ոչ մի կրակոց, բացի միայն այն դեպքերից, երբ դրանից կախված կլինի մեր կյանքը։
― Սակայն դուք երեկ կրակեցիք, ― ասաց Սամերլին։
― Դե, գիտեք, ես ընտրություն կատարելու հնարավորություն չունեի։ Բացի դրանից, հազիվ թե այդ ձայնը շատ էլ խորքերը թափանցած լինի․ երեկ սարահարթի կողմից ուժեղ քամի էր փչում։ Ի դեպ, ինչպե՞ս անվանենք սարահարթը։ Եկեք որոշենք։
Մի քանի ավել կամ պակաս հաջող առաջարկություններ մտցվեցին, բայց վերջին խոսքը մնաց Չելենջերին։
― Այստեղ երկար մտածելու հարկ չկա, ― ասաց նա։ Սարահարթը կկոչվի այն պիոների անունով, որը հայտնաբերել է այն՝ Մեպլ֊Ուայտի Երկիր։
Սարահարթն այդպես էլ անվանեցինք, այդ անունով էլ նա մտցված է քարտեզի մեջ, որի կազմելը հանձնարարված է ինձ․ հուսով եմ, որ այդ անունով էլ այն կմտնի ապագա ատլասների մեջ։
Մեր առաջ կանգնած էր մի անհետաձգելի խնդիր՝ խաղաղ ճանապարհով թափանցել Մեպլ֊Ուայտի Երկիրը։ Մենք մեր սեփական աչքերով արդեն համոզվել էինք, որ այնտեղ ինչ֊որ տարօրինակ արարածներ են ապրում, իսկ Մեպլ֊Ուայտի մատիտանկարները խոստանում էին հրեշների առկայությունը։ Վերջապես, մենք բոլոր հիմքերն ունեինք մտածելու, որ սարահարթում կային նաև մարդիկ, որոնց վայրագության մասին խոսում էր ներքևում ընկած կմախքը։
Մենք գիտեինք, որ վտանգները հետապնդում են մեզ ամեն քայլափոխում և, փրկության հույս չունենալով, որոշեցինք ձեռք առնել նախազգուշական այն բոլոր միջողները, որ լորդ Ջոնին թելադրում էր իր փորձը։ Բայց մի՞թե կարող էինք երկար մնալ այդ խորհրդավոր աշխարհի նախաշեմին, երբ մեզ տանջում էր որքան կարելի է շուտ նրա բուն սիրտը թափանցելու ցանկությունը։
Եվ այսպես, մենք ճամբարի մուտքը փակեցինք ճյուղերով և, բոլոր մեր պաշարները թողնելով փշոտ ցանկապատի պաշտպանության տակ, դանդաղ, մեծագույն զգուշությամբ շարժվեցինք դեպի Անհայտը մի փոքրիկ առվակի երկարությամբ, որն սկիզբ էր առնում բացատի աղբյուրից և պետք է ծառայեր մեզ իբրև վերադարձի ուղեցույց։
Դեռ ինչպես հարկն է չէինք հեռացել ճամբարից, երբ մեկեն դեմ առանք սպասվող հրաշքների առաջին նշաններին։ Խիտ անտառում շատ ծառեր կային, որոնք բոլորովին անծանոթ էին ինձ, բայց մեր բուսաբան Սամերլին գտավ այստեղ ցիկադեյներ և մի քանի տեսակ փշատերևներ, որոնք վաղուց չքացել են երկրի երեսից։ Մի քանի յարդ անցնելով՝ հասանք մի տեղ, ուր առվակը բավական ընդարձակ լճակ էր կազմում։ Լճակի ափերը ծածկված էին բարձր եղեգով, որը պրոֆեսոր Սամերլին դասեց ձիաձետների կարգը․ հենց այդտեղ էլ քամուց օրորվում էին ծառանման ձարխոտերի կատարները։ Լորդ Ջոնը, որ գնում էր առջևից, հանկարծ կանգ առավ ու ձեռքը բարձրացրեց վեր։
― Տեսե՛ք, ― ասաց նա։ ― Այ քեզ հե՜տք։ Այստեղից հավանորեն անցել է բոլոր թռչունների նախահայրը։
Կպչուն տիղմի վրա պարզ նկատելի էին հսկայական եռամատ հետքեր, որոնք ճահճից տանում էին դեպի անտառ։ Կանգ առանք այդ հրեշավոր հետքերի մոտ։ Եթե իրոք այստեղից թռչուն էր անցել, ― ուրիշ ի՞նչ կենդանի կարող էր այդպիսի հետքեր թողնել, ― ապա նրա ճանկն այնքան մեծ է ջայլամի ճանկից, որ նույնիսկ դժվար է պատկերացնել այդ հսկայի չափերը։ Լորդ Ջոնն ուշադիր աչք ածեց չորս կողմը և երկու փամփուշտ դրեց իր խոշոր տրամաչափի հրացանի մեջ։
― Երդվում եմ որոսորդի պատվով, ― ասաց նա, ― որ հետքերը բոլորովին թարմ են։ Այդ արարածն այստեղից անցել է մի տասը րոպե առաջ։ Տեսնո՞ւմ եք, ջուրը դեռ չի լցվել ահա այն փոսը, որտեղ ճանկն ավելի խորն է թաղվել տիղմի մեջ։ Տե՜ր իմ աստված․․․ Ահա՛ և ձագի հետքերը։
Եվ իրոք, խոշոր հետքերին զուգահեռ գնում էին նույնպիսի, բայց ավելի մանր հետքեր։
― Իսկ ի՞նչ կասեք այս մասին, ― հաղթականորեն բացականչեց պրոֆեսոր Սամերլին՝ ցույց տալով մի հետք, որը նման էր մարդկային ձեռքի հետքին։
― Վելդ,[31] ― գոչեց Չելենջերը, ուրախությունից գլուխը կորցնելով։ ― Այդպիդի դրոշմավածքներ ես տեսել եմ վելդյան շերտերում։ Այդ արարածը շարժվում է ետևի, եռամատ վերջավորություններով, ամբողջ հասակով վեր ձգված, իսկ առջևի հնգամատ ոտքերով օգնում է իրեն քայլելիս։ Ո՛չ, թանկագին Ռոքստոն, սա բոլորովին էլ թռչուն չէ։
― Գազա՞ն է։
― Ոչ, սողուն է, դինոզավր։[32] Այդ նա է որ կա, ուրիշ ոչ ոք։ Իննսուն տարի առաջ այսպիսի հետքերը մոլորության մատնեցին սասեքսի մի հույժ հայտնի գիտնականի։ Բայց ո՜վ կարող էր երազել․․․ ո՛վ կարող էր երազել․․․ որ մեզ կվիճակվի տեսնել․․․
Վերջին խոսքերը Չելենջերն ասաց շշուկով, իսկ մենք զարմանքից քար կտրեցինք։ Հետքերը մեզ ճահճից տարան դեպի խիտ մացառուտները, որոնց ետևում, ծառերի միջև մի մեծ բացատ կար, և այդ բացատում զբոսնում էին հինգ արտառոց արարածներ, որոնց նմանը ես երբեք չէի տեսել։ Մենք թաքնվեցինք թփերի ետևում և երկա՜ր֊երկար դիտում էինք նրանց։
Ինչպես արդեն ասացի, նրանք զբոսնում էին հինգով՝ երկու տարեց և երեք ձագ։ Նրանց չափերը մեզ ապշեցրին։ Նույնիսկ փոքրիկները փղի չափ էին, իսկ մեծերի մասին խոսելն էլ ավելորդ է։ Թեփամորթների նման սրանց կաշին էլ թեփուկավոր էր և փայլում էր արևի տակ սև թերթաքարային փողփողումներով։ Հինգն էլ կանգնել էին ետևի թաթերի վրա՝ հենվելով լայն, հաստ պոչերին, իսկ առջևի հնգամատ թաթերով կռացնում էին կանաչ ճյուղերը և տերևները կլանում նրանց վրայից։ Որպեսզի դուք լրիվ պատկերացում ունենաք այդ հրեշների մասին, կասեմ, որ նրանք հիշեցնում էին քսան ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի կենգուրուների, ծածկված սև կոկորդիլոսային մաշկով։
Չգիտեմ, թե որքան ժամանակ մենք կախարդվածի նման կանգնած մնացինք այնտեղ՝ դիտելով այդ անսովոր տեսարանը։ Ուժեղ քամին փչում էր մեր կողմը, թփերը ծառայում էին իբրև լավ թաքստոց, ուստի կարելի էր չվախենալ, թե հրեշները կնկատեն մեզ։ Ժամանակ առ ժամանակ ձագերը անճոռնի խայտալով, վեր֊վեր էին թռչում և խուլ շրմփոցով ընկնում գետնին։ Ըստ երևույթին, նրանց ծնողները չլսված ուժի տեր էին, որովհետև նրանցից մեկը, չհասնելով մի բավական բարձր ծառի կատարի տերևներին, առջևի թաթերով գրկեց ծառը և բունը երկու կես արավ, ինչպես մի բարակ ճյուղ։ Դա միաժամանակ վկայում էր երկու բանի՝ խիստ զարգացած մկանունքների և անզարգացած ուղեղի մասին, քանի որ ծառը տապալվեց ուղղակի հրեշի գլխին, և նա սկսեց բարձր մռնչյուններ արձակել։ Վիթխարի չափերն ակնհայտորեն չէին համապատասխանում բնությունից նրան շնորհված դիմացկունության աստիճանին։ Ծառի հետ պատահած դեպքը, ըստ երևույթին, ստիպեց նրան զգուշանալ, որովհետև նա դանդաղ քարշ եկավ դեպի անտառ իր զույգի և երեք հսկա ձագերի ուղեկցությամբ։ Որոշ ժամանակ մենք տեսնում էինք, թե ինչպես նրանց սև թերթաքարային մեջքները փայլում էին թավուտում, իսկ գլուխները մեկ անհետանում էին թփերի մեջ, մեկ վեր բարձրանում։ Հետո նրանք կորան ծառերի միջև։
Ես նայեցի իմ ընկերներին։ Լորդ Ջոնը կանգնել էր՝ մատը ձգանին պահած, նրա աչքերը վառվում էին որսորդական ազարտով։ Ինչ ասես, որ նա չէր տա, միայն թե այդպիսի մի գլուխ կախ տար իր տանը, բուխարու վերևից, երկու խաչաձևված թիակների կողքին։ Բայց և այնպես խոհեմությունը հաղթեց, որովհետև նա գիտեր, որ մենք միայն այն դեպքում կկարողանանք թափանցել այդ անստույգ երկրի գաղտնիքների մեջ, երբ նրա բնակիչները չեն էլ կասկածի, մեր գոյության մասին։
Պրոֆեսորներն ուրախությունից ասես համրացել էին։ Մոռանալով աշխարհում ամեն ինչ՝ նրանք անգիտակցաբար բռնել էին իրար ձեռք և այդպես էլ քարացել տեղներում, ինչպես երկու փոքրիկ տղաներ, որոնք անխոս աչքերը չռում են ինչ֊որ հրաշքների հրաշքի վրա։ Չելենջերի շրթունքներին մի հրեշտակային ժպիտ էր խաղում, որից նրա այտերը խնձորների պես դուրս էին ընկել։ Սամերլիի դեմքից մաղձոտ ծամածռությունը չքացել էր՝ իր տեղը զիջելով երկյուղած հիացմունքի արտահայտության։
― Nunc dimittis, ― վերջապես ձայնեց նա։ ― Ի՞նչ կասեն այս մասին Անգլիայում։
― Իմ թանկագին Սամերլի, իբրև գաղտիք կարող եմ հայտնել ձեզ, թե ինչ կասեն Անգլիայում, ― պատասխանեց Չելենջերը։ ― Այնտեղ կասեն, որ դուք գիտության հետ ոչ մի առնչություն չունեցող հանրահռչակ ստախոս եք և շառլատան։ Նույն բանը, ինչ֊որ դուք և ձեր նմաններն ասում էիք իմ մասին։
― Իսկ եթե մենք լուսանկարներ ներկայացնե՞նք։
― Կեղծիք է, Սամերլի, կոպիտ կեղծիք։
― Իսկ եթե ներկայացնենք իրեղեն ապացույցնե՞ր։
― Ա֊ա՜․․․ Ահա այն ժամանակ նրանք չեն կարող գլուխ փախցնել։ Դեռ Մելոունը և Ֆլիտ֊ստրիտի նրա ավազակախումբը մեզ գովք էլ կկարդան։ Հիշեցեք, օգոստոսի քսանութին մենք Մեպլ֊Ուայտի Երկրում տեսանք հինգ կենդանի իգուանոդոն։[33] Իմ պատանի բարեկամ, համապատասխան նշում կատարեցեք ձեր գրքույկում և այդ մասին հայտնեցեք ձեր ողորմելի թերթուկին։
― Եվ պատրաստվեցեք խմբագրի կողմից դուրս շպրտվելու, ― ավելացրեց լորդ Ջոնը։ ― Այն լայնություններում, ուր ընկած է Լոնդոնը, ամեն ինչ մի փոքր այլ կերպ է երևում, թանկագին իմ երիտասարդ։ Մի՞թե քիչ կան մարդիկ, որոնք երբեք իրենց արկածների մասին չեն պատմում՝ վախենալով, որ մարդիկ նրանց չեն հավատա։ Ո՞վ կարող է դրա համար մեղադրել նրանց։ Կանցնի մեկ֊երկու ամիս, և մեզ էլ այս ամենը երազ կթվա։ Ինչպես անվանեցիք այդ հրեշների՞ն։
― Իգուանոդոն, ― ասաց Սամերլին։ ― Նրանց ոտնահետքերի դրոշմվածքները գտնվել են Հաստինգսի[34] ավազաքարերում, Քենտում, Սասեքսում։ Նրանք մեծ հոտով ապրել են հարավային Անգլիայում, մինչև որ այստեղ զգացվել է խոտի պակասություն, որով նրանք սնվում են։ Իսկ հետո պայմանները փոխվել են, և այդ գազանները քիչ֊քիչ մեռել են։ Ըստ երևույթին, այստեղ ամեն ինչ մնացել է, ինչպես կար, որովհետև իգուանոդոնները շարունակում են ապրել մինչև այժմ։
― Եթե մենք երբևէ կենդանի դուրս պրծնենք այստեղից, ես առանց այդպիսի իգուանոդոնի գլխի տուն չեմ դառնա, ― ասաց լորդ Ջոնը։ ― Սպասեցե՛ք, աֆրիկական որսորդիկներ, դուք դեռ նախանձից կանաչ կկտրեք իմ առաջ։ Սակայն, բարեկամներ, չգիտեմ դուք ինչպես, իսկ ինձ շարունակ թվում է, թե մենք ուր որ է դեմ ենք առնելու ինչ֊որ լուրջ տհաճության։
Ահեղ գաղտնիքի նույն զգացումն ունեի նաև ես։ Անտառի խավարում թաքնված էին սարսափներ, և սիրտս ակամայից սեղմվում էր վախից, երբ մենք ուշադիր դիտում էինք այդ խիտ, կանաչ թավուտը։ Ճիշտ է, հսկա իգուանոդոնները բոլորովին անմեղ էին և մի առանձին վնաս չէին կարող պատճառել մեզ, բայց ի՞նչ իմանաս, թե հրաշքների այդ աշխարհում չե՞ն պահպանվել ուրիշ հսկաներ, որոնք այժմ, ապառաժների ու թփուտների մեջ ընկած իրենց որջերում դարանամուտ, միայն հարմար րոպեի են սպասում, որպեսզի նետվեն մեզ վրա։ Ես խիստ աղոտ պատկերացում ունեմ մինչպատմական կյանքի մասին, բայց հիշում եմ, որ մի անգամ ձեռքս ընկավ մի գիրք, ուր խոսվում էր այնպիսի գազանների մասին, որոնց համար մեր առյուծներն ու վագրերը նույնքան հեշտ որս էին, որքան մուկը կատվի համար։ Իսկ ինչ, եթե այդպիսի հրեշներ ապրում են նաև Մեպլ֊Ուայտի Երկրի թավ անտառներում․․․
Այդ առավոտ, ― մեր առաջին առավոտը անծանոթ երկրում, ― մենք համոզվեցինք, որ այստեղ վտանգները հետամուտ են մեզ ամեն քայլափոխում։ Այդ արկածը պարզապես զզվելի էր, և ինձ համար նույնիսկ տհաճ է դրա մասին խոսելը։ Եթե լորդ Ջոնն իրավացի է, և այն բացատը, ուր արածում էին իգուանոդոնները, մենք կհիշենք իբրև երազ, ապա պտերոդակտիլներով լի ճահիճը կմնա մեր հիշողության մեջ իբրև տանջալից մղձավանջ։ Հիմա կպատմեմ, թե այդ բոլորն ինչպես եղավ։
Մենք քայլում էինք անտառով խիստ դանդաղ, մասամբ այն պատճառով, որ լորդ Ջոնն իբրև հետախույզ թույլ չէր տալիս հավասարվել իրեն, մասամբ երկու պրոֆեսորների պատճառով, որոնք մի գլուխ ցնծում էին որևէ անծանոթ ծաղկի տեսակ կամ միջատ տեսնելիս։ Երեք֊չորս մղոնից հետո ավելի աջ ափի ծառերը նոսրացան, և մեր առաջ բացվեց ևս մի բացատ։ Թփերի խիտ եզրագծի ետևից դուրս էին ցցվել գլաժայռերը, որոնք այստեղ, սարահարթում, պատահում են ամենուրեք։ Դանդաղ առաջ էինք գնում թփերի միջից, որոնք հասնում էին մինչև մեր գոտկատեղերը, երբ հանկարծ բոլորովին մոտիկից լսեցինք ձայներ՝ ոչ այն է կռնչոց, ոչ այն է շչյուն, որոնք ձուլվում էին մի անորոշ բվվոցի մեջ, որից ոդը դողում էր։ Լորդ Ջոնը մեզ կանգ առնելու նշան տվեց և, կուզեկուզ վազելով, նետվեց դեպի գլաժայռերը։ Նա նայեց նրանց վերևից, ցնցվեց և, հավանորեն մոռանալով մեր գոյության մասին, երկար կանգնել էր՝ կլանված իր առջև բացվող տեսարանից։ Վերջապես նա ձեռքով արեց մեզ՝ նշանացի հասկացնելով, որ անհրաժեշտ է զգուշություն պահպանել։ Ես նրա տեսքից հասկացա, որ գլաժայռերի ետևում թաքնված է ինչ֊որ հրաշք, գուցե և մի լուրջ վտանգ։
Սողալով հասանք լորդ Ջոնին և նայեցինք ցած։ Մեր առաջ երախը բացել էր մի խոր փոսորակ, հավանորեն մեկը այն ոչ մեծ խառնարաններից, որոնցից շատ կա սարահարթում։ Այդ փոսորակի հատակին, մեզանից մի հարյուր յարդի վրա, եղեգների ետևից փայլփլում էին խոտերով ծածկված ջրափոսերը։ Տեղն ինքնին մռայլ էր, բայց, դիտելով նրա բնակիչներին, ես ակամայից հիշեցի Դանթեի «Դժոխք»֊ի յոթերորդ պարունակի տեսարանները։[35] Այնտեղ բուն էին դրել պտերոդակտիլները՝ հարյուրավոր ու հարյուրավոր պտերոդակտիլներ։ Նրանք վխտում էին փոսորակում՝ ձագերը սողում էին ջրի մոտ, իսկ նրանց նողկալի մայրերը նստել էին դեղնավուն ամրակեղև ձվերի վրա։ Զզվելի թեփուկավորների այդ ամբողջ շարժվող, թևերը թփթփացնող զանգվածը թնդացնում էր օդը և այնպիսի գարշահոտություն տարածում շուրջը, որ սիրտներս դեմ առավ կոկորդներիս։ Իսկ ավելի բարձր, յուրաքանչյուրն իր քարին, բազմել էին վիթխարի, գորշ արուները, որոնք նման էին չորացրած խրտվիլակների․ նրանք բազմել էին բոլորովին անշարժ, ասես մեռած լինեին, և միայն արնակալած աչքերն էին հածում չորս կողմ ու երբեմն֊երբեմն կտուցները կափկափում թռչող ճպուռների ետևից։ Նրանց հսկայական թաղանթաթևերը, որոնք ծալված էին նախաբազկից, սեղմված էին կողքերին, դրանց վերևում ցցվել էին գիշատիչ թռչնային գլուխները, որից նրանք իմ աչքում ինչ֊որ մարդկային կերպարանք առան․ պտերոդակտիլները հիշեցնում էին սարդոստայնե զզվելի շալերում փաթաթված պառավների։ Հաշվելով թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, փոսորակում կար ոչ պակաս հազար հատ այդ գարշելի արարածներից։
Մեր երկու պրոֆեսորն էլ այնքան ուրախացան մինչպատմական աշխարհի կյանքը մոտիկից ուսումնասիրելու հնարավորության համար, որ հաճույքով ողջ օրը կնստեին այդտեղ։ Նրանք մեզ ցույց տվին մի սատկած ձուկ և շատ թռչուններ, որոնք ընկած էին քարերի միջև և, հավանորեն, ծառայում էին պտերոդակտիլներին իբրև սնունդ, ու շնորհավորում էին իրար, որ, վերջապես, պարզություն կմտցնեն, թե ինչու այդ թռչող թեփամորթների ոսկորներն այդքան շատ են պատահում մի շարք վայրերում, օրինակ՝ Քեմբրիջի ավազաքարերում։ Այժմ արդեն կասկածից վեր է, ասում էին նրանք, որ պտերոդակտիլները ևս, պինգվինների նման, ապրել են երամներով։
Վերջ ի վերջո, կամենալով իր կոլեգային ինչ֊որ թեզիս ապացուցել, Չելենջերը գլուխը դուրս հանեց քարերի արանքից և քիչ մնաց բոլորիս կործանման պատճառը դառնար։ Մեզ ամենից մոտիկ գտնվող արուն հանկարծ սուր ֆշշացրեց, թափահարեց քսան ոտնաչափանոց թաղանթավոր թևերը և բարձրացավ օդ։ Մայրերը ձագերի հետ խռնվեցին իրար գլխի ջրի մոտ, իսկ հսկիչներն իրար ետևից երկինք սլացան։ Զարմանալի տեսարան էին ներկայացնում իրենցից այդ գարշելի արարածները, որոնք հարյուրներով սավառնում էին մեր գլխավերևում, ծիծեռնակների նման թևերով արագ ճեղքելով օդը։ Սակայն շուտով մենք հասկացանք, որ այդ տեսարանով հիանալը լավ չի վերջանա։ Սկզբում պտերոդակտիլները պտտվում էին բարձրում, երևի ստուգելով, թե վտանգն ինչքանով է մեծ։ Հետո, աստիճանաբար շրջանը սեղմելով, սկսեցին ավելի ու ավելի ցած իջնել, և, վերջապես, նրանց սև թերթաքարային թևերի չոր խշշոցն այնպիսի ուժգնության հասավ, որ ես ակամայից հիշեցի Հենդոնի օդանավակայանը մրցումների օրերին։
― Վտա՜նգ, ― բղավեց լորդ Ջոնը՝ բռնելով հրացանի փողից։ ― Վազեք ուղիղ դեպի անտառը և միասին եղեք։
Բայց օղակն արդեն փակվեց մեր շուրջը։ պտերոդակտիլները համարյա թևերով հարվածում էին մեր դեմքերին։ Մենք խփում էինք նրանց խզակոթերով, բայց հարվածները դիպչում էին ինչ֊որ փափուկ բանի և ոչ մի վնաս չէին պատճառում նրանց։ Եվ հանկարծ այդ սև, փայլուն օղակից դուրս պրծավ մի երկար վիզ, վայրագ կտուցը նշան բռնեց ուղիղ մեզ վրա։ Նրան հետևեց մեկ ուրիշը, ապա էլի մեկը։ Սամերլին ճչաց ու ձեռքերով ծածկեց արյունաշախ դեմքը։ Ես մի ուժեղ հարված զգացի ծոծրակիս և քիչ մնաց ցավից գիտակցությունս կորցնեի։ Չելենջերն ընկավ, ես կռացա նրան օգնելու և ետևից ստացած մի նոր հարվածից տապալվեցի նրա վրա։ Այդ նույն րոպեին լորդ Ջոնը կրակեց։ Գլուխս վեր բարձրացրի ու տեսա, որ պտերոդակտիլներից մեկը ջարդված թևերով թպրտում էր գետնի վրա՝ բացված կտուցից թուք շաղ տալով, և դուրս պրծած, արնակոխ աչքերը կատաղորեն հածում է չորս կողմը՝ իսկական դև միջնադարյան որևէ նկարչի կտավից։ Նրա ընկերները, վախեցած կրակոցի ձայնից, վեր խոյացան և սկսեցին պտտվել մեր գլխավերևում։
― Հիմա փրկվեցե՛ք, ― ձայն տվեց լորդ Ջոնը։
Մենք վազեցինք ուղիղ դեպի թփուտները, բայց անտառի եզրին հարպիաները նորից հասան մեզ։ Սամերլին վայր ընկավ նրանց հարվածից, մենք ոտքի հանեցինք նրան և նետվեցինք ծառերի տակ։ Անտառում վտանգն անցավ, որովհետև պտերոդակտիլներն իրենց հսկայական թևերը չէին կարող շարժել ճյուղերի միջև։
Ճամբար վերադարձանք բավական ողորմելի վիճակում, իսկ նրանք դեռ երկար ուղեկցում էին մեզ՝ կապույտ երկնքում օղակներ գծելով այնպիսի բարձրության վրա, որ ներքևից կարելի էր նրանց ամենասովորական աղավնիների տեղ ընդունել։ Հետապնդումը դադարեց միայն այն ժամանակ, երբ անտառի թավուտը թաքցրեց մեզ, և այլևս պտերոդակտիլները չերևացին։
― Արտասովոր կերպով հետաքրքրական և ուսանելի պատահար, ― ասաց Չելենջերը՝ ուռած ծունկը լվանալով առվակում։ ― Սամերլի, հիմա մենք հիանալի գիտենք, թե կատաղած պտերոդակտիլներն իրենց ինչպես են պահում։
Այդ ժամանակ Սամերլին սրբում էր ճակատի ճանկռվածքից հոսող արյունը, իսկ ես կապում էի ծոծրակիս բավական խոր վերքը։ Լորդ Ջոնը մեզանից թեթև էր պրծել․ հրեշը միայն ճանկռել էր նրա ուսը և շապիկը պատռել։
― Անհրաժեշտ է նշել, ― շարունակեց Չելենջերը, ― որ մեր պատանի բարեկամն ստացել է ծեծված վերք, իսկ լորդ Ջոնի շապիկից այդպիսի մի կտոր պոկել կարելի է միայն ատամներով։ Իմ գլխին նրանք թևերով էին զարկում։ Այսպիսով, մենք ծանոթացանք պտերոդակտիլների հարձակման զանազանակերպ մեթոդների հետ։
― Մի փոքր էլ, և մեր բանը բարդ էր, ― լուրջ տոնով խոսեց լորդ Ջոնը։ ― Ավելի նողկալի մահ դժվար է պատկերացնել՝ զոհ գնալ այդ գարշելի արարածներին։ Ես բոլորովին չէի ուզում կրակել, բայց ելք չկար։
― Մենք այժմ այս առվի ափին նստած չէինք լինի, եթե դուք չկրակեիք, ― համոզված նկատեցի ես։
― Հուսանք, որ իմ կրակոցը գործին չի վնասի, ― ասաց լորդ Ջոնը։ ― Այստեղի անտառներում, հավանորեն, հաճախ ոչ պակաս ուժեղ ձայներ են լսվում, մերթ մի ճյուղ է կոտրվում, մերթ ամբողջ ծառ է ցած տապալվում։ Սակայն այսօր այսքան ուժեղ ապրումները բավական են։ Ավելի լավ է վերադառնանք ճամբար, մեր դեղարկղում կարբոլ փնտրենք։ Ով գիտե այդ գարշելի արարածներին, միգուցե նրանց խայթվածքները թունավոր են։
Բայց հազիվ թե աշխարհի գոյության սկզբից մարդու գլխին մի օրում այնքան փորձանքներ եկած լինեին, որքան մեր գլխին եկան։ Մեզ մի նոր աղետ էր սպասում։ Առվակի ափով հասանք բացատ և տեսնելով մեր ամրոցը շրջափակող փշփշոտ ցանկապատը, մտածեցինք, որ այս անգամ մեր փորձությունները վերջացան։ Սակայն մեզ հանգստանալ չէր վիճակված։ Առաջվա պես Չելենջերի ամրոցի մուտքը փակ էր, ցանկապատն անվթար, բայց և այնպես իսկույն հասկացանք, որ մեր բացակայության ժամանակ ինչ֊որ մեկը եղել է այստեղ։ Անկոչ հյուրը գետնի վրա ոչ մի հետք չէր թողել, և միայն ճամբարի վրա կախված հինգհո ծառի հսկա ճյուղն էր մատնում, թե նա ինչ ճանապարհով էր եկել։ Իսկ ինչ վերաբերում է նրա ուժին և հանդգնությանը, ապա այդ մասին պարզ խոսում էր մեր պահեստի վիճակը։ Բոլոր իրերը ցիրուցան էին արված բացատով մեկ, մսի մի թիթեղատուփ ճզմված էր՝ հավանորեն, այդ ձևով նա կամեցել էր դատարկել նրա պարունակությունը։ Փամփշտարկղից միայն տաշեղներ էին մնացել, իսկ նրա մոտ ընկած էր տափակած մի պարկուճ։ Անորոշ վախը նորից սեղմեց սրտներս, և մենք սկսեցինք երկյուղով զննել ծառերի տակ նստած թանձր ստվերները՝ սպասելով, թե ահա ուր որ է այնտեղից ինչ֊որ հրեշավոր արարած կհայտնվի։
Ինչպիսի՜ թեթևություն զգացինք, երբ այդ րոպեին լսեցինք Սամբոյի ձայնը և, մոտենալով սարահարթի եզրին, ժայռի գագաթին տեսանք նրա ծիծաղկոտ դեմքը։
― Ամեն բան լա՜վ, միստր Չելենջեր։ Ամեն բան լա՜վ, ― բղավեց նա։ ― Սամբոն էստեղ, մի վախենա։ Երբ կանչես Սամբո, նա միշտ այստեղ լինի։
Տեսնելով մեր ազնիվ նեգրին և անսահման հարթավայրը, որը տարածվում էր համարյա մինչև Ամազոնի վտակները, մենք հիշեցինք, որ այնուամենայնիվ դա քսաներորդ դարն է, որ մենք ապրում ենք Երկրում և ոչ թե նախնադարյան քաոսով լի ինչ֊որ մոլորոկի վրա, որտեղ ընկել ենք կախարդական ուժով։ Բայց որքա՜ն դժվար էր պատկերացնել, որ հորիզոնի մանուշակագույն գծի ետևում անմիջապես ընկած է մեծ գետը, որով նավարկում են մեծ֊մեծ շոգենավեր, որ մարդիկ այնտեղ զրուցում են իրենց կենցաղային մանր֊մունր գործերի մասին, այն ժամանակ, երբ մենք, նետված նախնադարյան այս աշխարհը, նախնադարյան արարածների մոտ, կարող ենք միայն նայել այն կողմը և թախծել մեզ համար այնքան ուրախություններով լի կայնքի մասին։
Ես մի հիշողություն ևս ունեմ՝ կապված այդ արտասովոր օրվա հետ, որով և կավարտեմ իմ նամակը։ Ստացած վերքերն ակներևաբար ներգործել էին պրոֆեսորների ջղերի վրա․ նրանք տաք վիճաբանություն էին սկսել, թե մեր թշնամիները մինչպատմական թեփամորթների ո՛ր տեսակին են պատկանում՝ պտերոդակտիլների՞, թե դիմորֆոդոնների։ Բանը հասավ մինչև կծու խոսքեր փոխանակելը։ Որպեսզի նրանց վեճը չլսեմ, քաշվեցի մի կողմ և, նստելով ընկած ծառի բնին, սկսեցի ծխամորճ ծխել։ Մի քանի րոպեից հետո առջևս ցցվեց լորդ Ջոնի կերպարանքը։
― Լսեցեք, Մելոուն, ― ասաց նա, ― լավ հիշո՞ւմ եք այն տեղը, ուր այդ արարածները բույն էին դրել։
― Իհարկե, հիշում եմ։
― Հրաբխային խառնարանի նման մի բան էր, այնպես չէ՞։
― Միանգամայն ճիշտ է, ― ասացի ես։
― Իսկ ուշադրություն դարձրի՞ք, թե գետինն ինչպիսին էր։
― Միայն քարեր ու գլաժայռեր։
― Ո՛չ, ջրի մոտ, ուր եղեգն էր աճում։
― Կավի նման ինչ֊որ կապտավուն բան։
― Հենց այդ է որ կա․․․ Հրաբխային խառնարան և կապույտ կավ։
― Իսկ ի՞նչ կա, ― հարցրի ես։
― Դե ոչինչ, ես հենց այնպես, ― պատասխանեց լորդ Ջոնը և անշտապ քայլերով գնաց դեպի այն կողմը, որտեղից դեռևս լսվում էին մեր գիտնական վիճաբանողների ձայները՝ Սամերլիի լարված, սուր տենորը և Չելենջերի աղմկալի բասը։
Հավանորեն մոռանայի լորդ Ջոնի խոսքերը, բայց այդ գիշեր ես մի անգամ ևս լսեցի դրանք։
― Կապույտ կավ․․․ կապույտ կավ հրաբխային խառնարանում, ― շշնջում էր նա։
Դրանք վերջին խոսքերն էին, որոնցով ես, օրվա ընթացքում տանջահար լինելուց հետո, խոր քուն մտա։
Գլուխ XI Ես դառնում եմ օրվա հերոսը
Լորդ Ջոն Ռոքստոնի երկյուղներն արդարացան․ մեզ վրա հարձակված հրեշների խայթոցները թունավոր էին։ Սարահարթում մեր առաջին արկածի հետևյալ օրը ես և Սամերլին սկսեցինք դողացնել ու ցավեր զգալ, իսկ Չելենջերի ծունկն այնպես ուռեց, որ նա հազիվ էր կարողանում հիվանդ ոտքի վրա հենվել։ Ուստի մենք ամբողջ օրն անցկացրինք ճամբարում աշխատելով ուժերիս ներածին չափ օգնել լորդ Ջոնին, որն զբաղված էր փշոտ ցանկապատն ամրացնելով, որը թշնամիներից մեր միակ պաշտպանության միջոցն էր։ Այսօրվա պես հիշում եմ, որ այն ժամանակ վաղ առավոտից ինձ հետապնդում էր մի տարօրինակ զգացում․ շարունակ թվում էր՝ ուշադիր հետևում են մեզ, բայց թե ով և որտեղից, ասել չէի կարող։
Չհամբերեցի և երկյուղս հայտնեցի Չելենջերին, որն շտապեց այդ բանը վերագրել իբր թե իմ տենդագին դրությունից առաջացող մտավոր խանգարվածությանը։ Ինչևէ, բայց ես շարունակում էի աչք ածել չորս կողմս՝ պատրաստվելով ինչ֊որ բան տեսնելու, և ոչինչ չէի տեսնում, բացի ճյուղերի մութ կույտից, որոնցից բաղկացած էր մեր փշոտ ցանկապատը, և մեկ էլ վիթխարի ծառերի բները պսակող կանաչի մռայլ կամարներից։ Բայց և այնպես այն համոզմունքը, որ ինչ֊որ անբայրացակամ դիտորդ թաքնվել է մեզնից երկու քայլի վրա, ոչ միայն չէր չքանում, այլ հետզհետե ուժեղանում էր։ Հիշեցի հնդկացիների սնահավատ վախը ահեղ Կուրուպուրիից, որը թաքնվում էր խուլ անտառներում և արդեն պատրաստ էի հավատալու, որ այդ քինոտ ոգին հանգստից զրկում է այն խիզախներին, որոնք ներխուժում են նրա սրբազան օթևանի գաղտնիքների մեջ։
Այդ գիշեր, ― երրորդ գիշերը Մեպլ֊Ուայտի Երկրում, ― մի դեպք շատ ծանր տպավորություն թողեց մեզ վրա և ստիպեց մի ավելորդ անգամ ևս շնորհակալություն հայտնելու լորդ Ջոնին, որը ջանք չէր խնայել Չելենջերի ամրոցն ամրապնդելու։ Քնել էինք հանգչող խարույկի մոտ, երբ հանկարծ մեզ արթնացրեց, ավելի ճիշտ, տառացիորեն ոտքի հանեց մի կատաղի ոռնոց ու կաղկանձյուն։ Չգիտեմ, թե ինչի հետ կարելի է համեմատել այդ ճիչերը, որոնք հնչում էին բոլորովին մոտիկից․ ես դրանցից ավելի զարհուրելի բան չեմ լսել։ Այդ ճիչերը պատառ֊պատառ էին անում օդը, նման շոքեքարշի սուլոցներին, չունենալով այդ ձայնի ո՛չ մաքրությունը, ո՛չ պարզորոշությունը։ Ականջներս փակեցինք՝ ջանալով չլսել անսահման տանջանքով ու սարսափով լի թավ, երերուն որոտները։ Մեր ջղերը չէին կարող դիմանալ այդպիսի լարվածության։ Ես ամբողջովին ծածկվեցի սառը քրտինքով, սիրտս կանգ առավ կրծքիս տակ։ Թվում էր, թե կյանքի բոլոր դառնությունները, նրա անհամար տանջանքները՝ այն ամենը, ինչում նա կարող է մեղադրել երկնքին, ձուլվել էր ի մի այդ տանջալից կանչի մեջ։ Եվ, ասես նվագակցելով զրնգուն աղաղակներին, ասես ընդգծելով դրանք, նույն տեղում թնդում էր ինչ֊որ մեկի կերկերուն ծիծաղը, կոկորդային ցնծալից մռնչյունը։ Այդ զարհուրելի զուգերգը տևեց երեք֊չորս րոպե՝ տագնապահար անելով ծառերի վրա քնած բոլոր թռչուններին, և նույնքան անսպասելի էլ լռեց։ Մենք երկար չէինք խոսում՝ ցնցված քիչ առաջ լսածից։ Հետո լորդ Ջոնը ցախ գցեց խարույկին։ Կրակի կարմրագույն ցոլքերը լուսավորեցին իմ ընկերների լարված դեմքերը և թրթռացրին մեր գլխավերևի սաղարթներին։
― Ի՞նչ էր այդ, ― շշուկով հարցրի ես։
― Առավոտյան կիմանանք, ― ասաց լորդ Ջոնը։ ― Դա բոլորովին մոտիկ էր, այն բացատից ոչ հեռու։
― Մենք արժանացանք յուրայան շրջանի լագունի եղեգնուտում մինչպատմական ողբերգությունը հեռվից լսելու պատվին, երբ խոշոր թեփամորթը տիղմի մեջ վերջ է տալիս իր ավելի թույլ ցեղակցին, ― նույնիսկ իր համար անսովոր հանդիսավորությամբ ազդարարեց Չելենջերը։ ― Այո, մարդը շատ է շահել՝ մի փոքր ավելի ուշ հայտնվելով Երկրի վրա։ Աշխարհաստեղծության արշալույսին նա հարկադրված կլիներ հանդիպելու այնպիսի հրեշների, որոնք չէին վախենա ո՛չ նրա արիությունից, ո՛չ էլ հնարամտությունից։ Մի՞թե նետերը, պարսատիկը և նիզակը, կարող էին օգնել նրան այն ուժերի հետ ընդհարվելիս, որոնք խրախճանք էին սարքել այս գիշեր։ Անգամ ժամանակակից հրացանը ձեզ առավելություն չի տա այդպիսի հրեշի հետ հանդիպելիս։
― Այնուամենայնիվ, ես վստահում եմ իմ սիրելի բարեկամին, ― ասաց լորդ Ջոնը, շոյելով իր «Էքսպրեսի փողը։ ― Սակայն չեմ վիճում, որ այդ ճիվաղը հաղթանակի քիչ շանսեր չէր ունենա։
Սամերլին ձեռքը վեր բարձրացրեց։
― Ս֊ս֊ս՜, ― շշնջաց նա։ ― Ինչ֊որ ձայն լսեցի։
Մեռելային լռությունը խզեց մի թույլ, համաչափ դոփյուն։ Ինչ֊որ կենդանի էր անցնում թավուտով, ծանր թաթերը զգուշությամբ վերցնելով֊դնելով։ Նա դանդաղ շրջանցեց մեր ամրոցը և կանգ առավ մուտքի մոտ։ Լսում էին նրա շչող շնչառությունը։ Միայն թեթև ցանկապատն էր բաժանում մեզ այդ ճիվաղից։ Մենք վերցրինք մեր հրացանները, իսկ լորդ Ջոնը, փշոտ ցանկապատից մի թուփ դուրս քաշելով, հրակնատի նման ինչ֊որ բան պատրաստեց նրա մեջ։
― Աստվա՜ծ իմ, ― շշնջաց նա։ ― Ես կարծես թե տեսնում եմ նրան։
Ես լորդ Ջոնի ուսի վրայով նայեցի այն կողմը։ Այո՛, ճիշտ է։ Ծառի տակ, թանձր ստվերում, երևում էր է՛լ ավելի թանձր մի ստվեր։ Գետնին կպած այդ նախնադարյան գազանի մեջ զգացվում էին վայրի ուժ ու կատաղություն։ Հասակով նա ձիուց բարձր էր, բայց նրա ծանր մարմնի գծագիրը խոսում էր արտասովոր ուժի մասին։ Միայն գերհզոր օրգանիզմը կարող էր այդպիսի լիքը, հավասար շնչառություն ունենալ։ Ասես շոգեկաթսա լիներ։ Հրեշը շարժվեց, և ես տեսա նրա զարհուրելի, կանաչափայլ աչքերը։ Խլրտոց լսվեց՝ նա դանդաղ առաջ էր շարժվում։
― Հիմա կցատկի, ― ասացի ես ու շնիկը ձգեցի։
― Չկրակեք, ― շշնջաց լորդ Ջոնը։ ― Մի՞թե այսպիսի խաղաղ գիշերին կարելի է կրակել։ Ձայնը կտարածվի մի քանի մղոնի վրա։ Պահեք այդ վերջին րոպեյի համար։
― Եթե նա անցնի ցանկապատը, կորած ենք, ― ասաց Սամերլին ջղային քմծիծաղով։
― Չենք թողնի, որ անցնի, ― ձայն տվեց լորդ Ջոնը։ ― Կրակեցեք միայն ծայրահեղ դեպքում։ Միգուցե առանց այդ էլ ես նրա հետ հաշիվ տեսնեմ։ Հարկավոր է փորձել։
Դժվար է ավելի համարձակ քայլ պատկերցնել, քան այն, ինչ կատարեց լորդ Ջոնը։ Նա կռացավ խարույկի վրա, կրակից դուրս քաշեց մի վառվող ճյուղ և մի ակնթարթում մտնելով ցանկապատի մեջ բացված նեղ անցքը, դուրս եկավ մյուս կողմը։ Հրեշը ահեղ մռնչյունով շարժվեց առաջ։ Առանց մի րոպե տատանվելու, լորդ Ջոնը արագ և թեթև թռավ նրա մոտ և վառվող ճյուղը պարզեց ուղղակի հրեշի մռութին։ Աչքերիս առջև միայն մի վայրկյան երևաց ու չքացավ վիթխարի դոդոշի զզվելի դիմակը՝ գորտնուկավոր, ասես բորոտ մաշկ, և ամբողջովին արնոտ, հսկայական բերան։ Թփերում խշրտյուն լսվեց, և մեր զարհուրելի հյուրն անհետացավ անտառի թավուտում։
― Ես այդպես էլ գիտեի, որ նա կրակից կվախենա, ― ծիծաղելով ասաց լորդ Ջոնը՝ ետ գալով և ճյուղը նետելով խարույկի վրա։
― Դուք վտանգի ենթարկեցիք ձեր կյանքը, ― խմբովին բացականչեցինք մենք։
― Իսկ ի՞նչ էր մնում անելու։ Եթե այդ հրեշը հայտնվեր մեր մեջ, մենք կրակելով միայն իրար ցած կգլորեինք։ Ցանկապատի միջով կրակելն էլ իմաստ չուներ․ այդ ժամանակ նա ամենայն հավանականությամբ կանցներ ցանկապատը, իսկ այդպիսի կրակոցը մեզ գկխովին կմատներ, ուրիշ ոչինչ։ Մի խոսքով, ըստ իս, հեշտ պրծանք։ Բայց այդ ի՞նչ գազան էր։
Մեր գիտնականներն անվճռականորեն իրար նայեցին։
― Չեմ համարձակվում շատ թե քիչ ճշգրիտ բնորոշել այդ արարածին, ― ասաց Սամերլին՝ ծխամորճը կպցնելով խարույկի կրակից։
― Նման զգուշությունը հատուկ է իսկական գիտական մտածողություն ունեցող մարդկանց։ ― Չելենջերն իջավ մինչև հաճոյախոսությո՜ւն։ ― Ես ևս կսահմանափակվեմ ընդհանուր դիտողությամբ միայն, որ այս գիշեր մենք դեմ առանք գիշակեր դինոզավրի տեսակներից մեկին։ Սարահարթում դրանց գոյության հնարավորության մասին դուք արդեն լսել եք ինձանից։
― Բայց չէ՞ որ մինչպատմական շատ տեսակների մասին ոչ մի տեղեկություն չի հասել մեզ, ― ասաց Սամերլին։ ― Անխոհեմություն կլիներ մտածել, թե մենք կարող ենք անուն տալ այստեղ մեր աչքին ընկնող ամեն մի կենդանի արարածի։
― Միանգամայն իրավացի եք։ Մեր հնարավորությունները սահմանափակվում են ամենամոտավոր դասակարգումով։ Սպասենք մինչև վաղը կպարզվի, իսկ առայժմ եկեք շարունակենք մեր ընդհատված քունը։
― Սակայն մի պայմանով, որ մեզանից մեկը հերթապահի, ― վճռականորեն ասաց լորդ Ջոնը։ ― Բարեկամներ, այսպիսի երկրում կատակ անել չի կարելի։ Առաջարկում եմ այսուհետև սահմանել գիշերային հերթապահություններ՝ երկժամյա հերթափոխությամբ։
― Այն ժամանակ առաջին ժամապահը ես կլինեմ, մանավանդ, որ ուզում եմ ծխամորճս ծխել վերջացնել, ― ասաց պրոֆեսոր Սամերլին։
Եվ դրանից հետո մենք երբեք առանց պահպանության չենք քնում։
Առավոտյան պարզվեց, թե որն էր մեզ արթնացնող ճիչերի պատճառը։ Այն բացատը, որտեղ մենք տեսանք իգուանոդոններին, դարձել էր իսկական կոտորածի դաշտ։ Նայելով այդ արյան լճակներին ու կանաչ խոտերի վրա այստեղ֊այնտեղ թափված մսի խոշոր կտորներին, կարելի էր ենթադրել, թե քիչ գազաններ չեն ընկել այստեղ, բայց ուշադիր զննելուց հետո պարզվեց, որ այդ բոլորը մեկ իգուանոդոնի մարմնի մասերն են, որին պատառոտել է մի այլ՝ եթե ոչ ավելի խոշոր, ապա համենայն դեպս ավելի կատաղի գազան։
Երկու պրոֆեսորն էլ գիտական վեճի բռնվեցին, ուշի֊ուշով զննելով մսի յուրաքանչյուր պատառը, որն իր վրա կրում էր դաժան ժանիքների և հսկայական մագիլների հետքերը։
― Առայժմ որևէ եզրակացություն անելը վաղաժամ է, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը՝ զննելով իր ծնկներին դրած սպիտակավուն մսի կտորը։ ― Դատելով որոշ տվյալներից, հարձագվողը եղել է թրաժանիք վագր։ [36] Այսպիաի վագրերի կմախքները գտնում են կոնգլոմերատների մեջ քարայրներում, բայց այն գազանը, որին մենք սեփական աչքերով տեսանք, շատ ավելի խոշոր է և ավելի շուտ նման է սողունի։ Անձամբ ես հակված եմ կարծելու, որ դա ալլոզավր էր։
― Կամ մեգալոզավր, ― ասաց Սամերլին։
― Կարող է պատահել։ Մի խոսքով, գիշատիչ դինոզավրերից որևէ մեկը։ Դրանց մեջ պատահում են ամենազարհուրելի հրեշներ, որոնք երբևէ պղծել են մեր երկրագունդը կամ ծառայել իբրև թանգարանների զարդ։ ― Չելենջերը քրքջաց սեփական սրամտության վրա։ Ունենալով հումորի խիստ պարզունակ զգացողություն՝ նա ուրախանում էր իր ամեն մի, անգամ ամենակոպիտ կատակի վրա։
― Որքան քիչ աղմկենք, այնքան լավ, ― խստությամբ լռեցրեց նրան լորդ Ջոնը։ ― Ինչ իմանանք, թե ո՞վ է թափառում մոտերքում։ Եթե այդ կարիճը մտածի վերադառնալ այստեղ նախաճաշելու և պատահի մեզ, այն ժամանակ ծիծաղելու տրամադրություն չի մնա։ Ի դեպ, այդ ի՞նչ բիծ է։
Իգուանադոնի թեփուկոտ, անփայլ սև կաշվին, ուսից մի փոքր վերև պարզ երևում էր մի մութ պալար, որը ասֆալտի գույն ուներ։ Մեզնից ոչ ոք չկարողացավ որոշել այդ բիծը, չնայած Սամերլին հիշեց, որ երկու օր առաջ ճիշտ այդպիսի պալար տեսել էր ջահել իգուանադոններից մեկի վրա։ Չելենջերը նստել էր փքված և բազմախորհուրդ լռություն էր պահպանում, իր ամբողջ տեսքով ասելով․ «Այ, գիտեմ, բայց չե՛մ ասի»։ Լորդ Ջոնին ուրիշ ոչինչ չէր մնում, քան նույն հարցով դիմել նրան։
Եթե ձերդ ողորմածությունը թույլ կտա ինձ բերան բանալ, երջանիկ կլինեմ իմ կարծիքը հայտնելու, ― խայթող տոնով խոսեց Չելենջերը։ Կյանքումս առաջին անգամ եմ այդպիսի խրատներ լսում։ Ես չէի կարծում, որ առանց ձեր թույլտվության չի կարելի մինչև իսկ անմեղ կատակի վրա ծիծաղել։
Եվ միայն այն բանից հետո, երբ լորդ Ջոնը ներողություն խնդրեց մեր շուտ նեղացող բարեկամից, նա բարեհաճեց զայրույթը փոխարկել ողորմածության։ Իսկ երբ նրա հուզմունքը բոլորովին հանդարտվեց, նա բարձրացավ ընկած ծառի բնին և դիմեց մեզ երկար և, ինչպես միշտ, խիստ հանդիսավոր մի ճառով, ասես նրա դեմ ոչ թե երեք մարդուց բաղկացած մի փոքրիկ խումբ էր, այլ հազարանոց բազմություն, որը թանկագին տեղեկություններ էր սպասում պրոֆեսորից։
― Ինչ վերաբերում է վերոհիշյալ բծին, ― սկսեց Չելենջերը, ― ապա ես հակամետ եմ միանալու իմ բարեկամ ու կոլեգա պրոֆեսոր Աամերլիի կարծիքին, որը պնդում է, թե դա ասֆալտ է։ Մեպլ֊Ուայտի Երկիրն ակնհայտորեն հրաբխային ծագում ունի, ասֆալտն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է խորքային կազմավորումների թվին և, անկասկած, գոյություն ունի այստեղ հեղուկ վիճակում, հետևաբար կարող է կպչել իգուանադոնների մաշկին։ Սակայն այժմ մեր առաջ կանգնած է մի այլ շատ ավելի կարևոր հարց․ ի՞նչ կերպ կարող են այստեղ գոյություն ունենալ մսակեր գիշատիչներ, որոնցից մեկն այցելել է բացատը և այսպիսի ահավոր հետքեր թողել այստեղ։ Մենք գիտենք, որ սարահարթն իր չափերով ավելի մեծ չէ Անգլիայի միջին կոմսութմոյնից։ Չորս կողմից փակված տարածության վրա շատ ու շատ դարերի ընթացքում ապրում են երկրի երեսից վաղուց չքացած կենդանիների որոշ տեսակներ։ Թվում է, ինձ համար դա կասկածից վեր է, թե մսակեր կենդանիները անարգել բազմանալով, պետք է որ վաղուց ոչնչացրած լինեին բնության տրամադրած սննդի պաշարները և դրա հետևանքով կամ սովից մեռնեին, կամ մսից անցնեին որևէ այլ կերի։ Ւնչպես տեսնում ենք՝ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը տեղի չի ունեցել։ Հետևաբար, մնում է ենթադրել, որ այդ կատաղի գիշակերների թվի սահմանակումը, առանց որի բնության մեջ հավասարակշռությունն անհնարին է, այստեղ ձեռք է բերվում ինչ֊որ այլ եղանակներով։ Որոնք են այդ եղանակները և ինչպես են կիրառվում՝ ահա մեկը բազմաթիվ հետաքրքրական պրոբլեմներից, որոնք սպասում են իրենց լուծմանը։ Թույլ եմ տալիս ինձ հուսալու, որ մենք դեռևս առիթ կունենանք մսկաեր դինոզավրերին դիտելու ավելի մոտիկ տարածությունից։
― Իսկ ես թույլ եմ տալիս ինձ հուսալու, որ այդպիսի առիթ չի ներկայանա, ― ասացի ես։
Ի պատասխան պրոֆեսորը վեր բարձրացրեց հոնքերը դպրոցական ուսուցչի նման, որն արհամարհում է չարաճճի աշակերտի անտեղի նկատողությունը։
― Թերևս պրոֆեսոր Սամերլին հաճեր իր նկատառումնե՞ր արտահայտել այս հարցի մասին, ― առաջարկեց նա։
Եվ երկու գիտնականներն էլ ճախրեցին դեպի գիտության լեռնային բարձրունքները, որոնց նոսրացած մթնոլորտում միայն կարելի էր քննարկել այնպիսի պրոբլեմներ, ինչպես գոյության կռվի և կերի անշեղ պակասելու շնորհիվ ծնելության նվազման միջև եղած կապը։
Այդ առավոտ մենք ուղևորվեցինք առվակից դեպի արևելք, որպեսզի նորից դուրս չգանք պտերոդակտիլների ճահիճը, և սարահարթի մի փոքր մասը տեղադրեցինք քարտեզի վրա։ Այդտեղ մանրանտառն այնքան խիտ էր, որ մենք ստիպված էինք տառացիորեն ճեղքել֊անցնել նրա միջով։
Մինչև այժմ ես պատմեցի միայն Մեպլ֊Ուայտի Երկրի սարսափների մասին, բայց այդ անարդարացի է նրա նկատմամբ, որովհետև այդ ամբողջ առավոտ մենք շրջում էինք հիանալի ծաղիկների մեջ, գլխավորապես երկու երանգի՝ սպիտակ և դեղին։ Չելենջերի և Սամերլիի ասելով, նախնական գամման սահմանափակվում է հենց միայն այդ երկու գույներով։ Շատ տեղերում հողն ամբողջովին ծածկված էր ծաղիկներով, և մեր ոտքերը մինչև կոճերը թաղվում էին այդ հոյակապ փափուկ գորգի մեջ, որն այնպիսի ուժեղ ու դուրեկան բուրմունք էր տարածել չորս կողմը, որ մարդու գլուխը պտտվում էր։ Ամենուրեք տզտզում էին մեղուները, ճիշտ ու ճիշտ այնպիսիք, ինչպես մեզ մոտ, Անգլիայում։ Ծառերի ճյուղերը ցած էին խոնարհվել պտուղների ծանրության տակ, որոնք մասամբ ծանոթ էին մեզ, մասամաբ բոլորովին անծանոթ։ Մենք ընտրում էինք թռչունների կտցածները և, առանց թունավորումից վախենալու, հաճելի բազմազանություն մտցնում մեր կերակրացանկի մեջ։ Ջունգլիի այդ մասում ամենուրեք անցնում էին արահետներ, որ բացել էին վայրի գազանները, իսկ ճահճային ցածրավայրերը ծածկված էին բազմաթիվ հետքերով, որոնց մեջ պատահում էին նաև իգուանադոնների հետքեր։ Անտառային բացատներից մեկում արածում էր այդ հսկաների մի փոքրիկ նախիր։ Լորդ Ջոնը բինոկլով նկատեց, որ նրանք էլ ասֆալտե բծեր ունեն մարմինների վրա, չնայած ոչ այն տեղում, ինչ֊որ պատառ֊պատառ արված իգուանադոնինն էր։ Ինչպե՞ս բացատրել այդ տարօրինակ երևույթը՝ մեզնից ոչ ոք չգիտեր։
Ճամփին մի գլուխ պատահում էին մանր կենդանիներ՝ խոզուկներ, թեփուկավոր մրջնակեր, երկար, վերև ոլորված ժանիքներով խայտաբղետ վարազ։ Մի անգամ ծառերի միջի բացվածքից նկատեցինք հեռվում մի կանաչ բլրալանջ, որտեղով վազեվազ անցավ ինչ֊որ խոշոր, գորշ աղյուսագույն գազան։ Նա այնքան արագ անցավ, որ մենք ժամանակ չունեցանք մի լավ նայել նրան։ Բայց եթե դա եղջերու էր, ինչպես պնդում էր լորդ Ջոնը, ապա իր չափսերով չէր զիջում իշայծյամներին, որոնց կմախքները մինչև այսօր էլ հայտնաբերվում են իմ հայրենի Իռլանդիայի ճահիճներում։
Գիշերը մեզ այցի եկած հանելուկային հյուրից հետո սկսեցինք վախվխելով վերադառնալ ճամբար։ Սակայն այլևս ոչ մի այդպիսի բան չպատահեց։ Այդ երեկո մենք տաք վեճի բռնվեցինք ապագայի ծրագրերի շուրջը։ Մանրամասն շարադրեմ, որովհետև դա ազդեց մեր հետագա գործելակերպի վրա և օգնեց մի քանի օրում շատ ավելի լավ ծանոթանալ Մեպլ֊Ուայտի Երկրին, քան հնարավոր կլիներ անել երկար շաբաթների ընթացքում։
Վիճաբանությունը բացեց Սամերլին։ Դեռևս առավոտից նա ինչ֊որ բանից դժգոհ էր, և երբ Ջոնը խոսեց վաղվա պլանների մասին, պրոֆեսորն այլևս չդիմացավ ու փրփրեց։
― Ե՛վ այսօր, և՛ վաղը, և՛ վաղը չէ մյուս օրը հարկավոր է ելք փնտրել այս մկան թակարդից, ― ասաց նա։ ― Բոլորդ գլուխ եք ջարդում, թե ինչպես թափանցեք երկրի խորքը, իսկ ըստ իս մենք պետք է մտածենք միայն այն մասին, թե ինչպես դուրս գանք այստեղից։
― Չէի սպասում, սըր, որ գիտության մարդը կարող է այդքան ցած իջնել, ― թնդաց Չելենջերը՝ սղալելով իր փարթամ մորուքը։ ― Դուք ընկել եք մի երկիր, որը հետաքրքրասեր բնագետի համար լի է այնպիսի հրապույրներով, որոնց հավասարը չկա և չի եղել աշխարհի գոյության սկզբից ի վեր։ Եվ դուք առաջարկում եք թողնել այս արգելավայրը, սահմանափակվել միայն ամենամակերեսային ծանոթությամբ նրա և նրա բնակիչների հետ։ Ես զարմացած եմ, պրոֆեսոր Սամերլի։
― Մի մոռանաք, խնդրեմ, ― զայրացած խոսեց Սամերլին, ― որ Լոնդոնում ինձ են սպասում մի մեծ խումբ ուսանողներ, որոնք թողնված են իմ բավականաչափ բթամիտ ասիստենտի խնամակալությանը։ Իմ վիճակը մի փոքր այլ է, պրոֆեսոր Չելենջեր, քան թե ձերը, քանզի, որքան հայտնի է ինձ, ոչ ոք և երբեք ձեզ չի հանձնարարել այնպիսի մի պատասխանատու աշխատանք, ինչպես երիտասարդության ուսուցումն է։
― Միանգամայն ճիշտ է, ― համաձայնեց Չելենջերը։ ― Ինչո՞ւ դատարկ բաներով ծանրաբեռնել մի խելք, որն ընդունակ է բարձրագույն կարգի ստեղծագործական որոնումների։ Ըստ իս դա սրբապղծություն է։ Ահա թե ինչու ես միշտ էլ ամենավճռական ձևով հրաժարվում եմ նման առաջարկություններից։
― Այդ ինչպիսի՞ առաջարկություններից, ― կծու ծաղրով հարցրեց Սամերլին։
Բայց այստեղ լորդ Ջոնն շտապեց խոսակցությունը փոխադրել այլ թեմայի շուրջ։
― Պետք է ասեմ ձեզ, ― սկսեց նա, ― որ ես պարզապես խայտառակություն եմ համարում վերադառնալ Լոնդոն՝ առանց ինչպես հարկն է այս երկրի հետ ծանոթանալու։
― Իսկ ես սիրտ չեմ անի անցնել մեր խմբագրության շեմքը և երևալ ծերուկ Մակ֊Արդլի աչքին, ― ավալացրեցի ես։ (Դուք չե՞ք բարկանա, սըր։) ― Նա ինձ չի ների, եթե ես արհամարհեմ այսպիսի նյութը։ Բայց, իմ կարծիքով, այս վեճերն ավելորդ են․ չէ՞ որ մենք ուզենանք էլ, չենք կարող ցած իջնել։
― Մեր պատանի բարեկամի պարզունակ, առողջ դատողությունը որոշ չափով փոխհատուցում է նրա մտավոր զարգացման պակասը, ― ասաց Չելենջերը։ ― Հասկանալի է, որ մենք ոչ մի գործ չունենք նրա արգահատելի մասնագիտական հետաքրքրությունների հետ, բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է, մենք չենք կարող ցած իջնել, հետևաբար կարիք չկա իզուր ուժերը վատնել անիմաստ վեճերում։
― Իսկ ըստ իս այն բոլորը, որ դուք մտածել եք, նույնպես ուժերի անիմաստ վատնում կլինի, ― մռմռթաց Սամերլին՝ առանց ծխամորճը բերանից հանելու։ ― Թույլ տվեք հիշեցնել, որ մենք այստեղ ենք եկել միանգամայն որոշակի նպատակով, որ մեր առաջ դրել է Լոնդոնի Կենդաբանական ինստիտուտի գիտական ժողովը։ Այդ նպատակն է՝ ստուգել պրոֆեսոր Չելենջերի պնդումները։ Պետք է ասեմ, որ մենք արդեն լիովին կարող ենք հաստատել դրանց հավաստիությունը։ Հետևաբար, մեր միսիան ավարտված է։ Իսկ ինչ վերաբերում է սարահարթի և նրա բնակիչների մանրամասն ուսումնասիրության, ապա այդ վիթխարի խնդիրը ի վիճակի կլինի լուծելու միայն հատկապես պատրաստված մեծ արշավախումբը։ Եթե ինքներս այդ գործը մեր վրա առնենք, հապա այն ժամանակ ո՞վ Անգլիա կհասցնի մեր ձեռք բերած տեղեկությունները, որոնք արժեքավոր ներդրում են գիտության մեջ։ Պրոֆեսոր Չելենջերը գտավ առաջին հայացքից անմատչելի այս սարահարթը բարձրանալու եղանակը։ Եկեք խնդրենք, որ նա մեկ անգամ ևս գործի դնի միայն իրեն հատուկ հնարամտությունը և վերադարձնի մեզ այն աշխարհը, որտեղից մենք եկել ենք։
Սամերլիի փաստարկները վերին աստիճանի բանական թվացին ինձ։ Նույնիսկ Չելենջերը մտքերի մեջ ընկավ՝ հասկանալով, որ չի հաջողվի ամոթահար անել հակառակորդներին, եթե իր իրավացիության հաստատումը չհասնի նրանց։
― Սարահարթից իջնելու պրոբլեմն առաջին հայացքից թվում է անլուծելի, ― ասաց նա, ― բայց ես չեմ կասկածում, որ մարդկային բանականությունը այդ դրությունից ևս ելք կգտնի։ Ըստ երևույթին, իմ հարգելի կոլեգան իրավացի է․ մենք չպետք է երկարաձգենք Մեպլ֊Ուայտի Երկրում մեր մնալը, ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես վերադառնանք տուն։ Սակայն ես կտրականապես հրաժարվում եմ հեռանալ սարահարթից, քանի մենք դեռ չենք հետազոտել այն և թեկուզ որևէ քարտեզ չենք գծագրել։
Պրոֆեսոր Սամերլին անհամբերությամբ փնչացրեց։
― Մենք ամբողջ երկու օր ծախսել ենք հետազոտության վրա, ― ասաց նա, ― և այդ համարյա ոչինչ չի տվել։ Առաջվա պես մենք ոչ մի պատկերացում չունենք սարահարթի տեղադրության մասին։ Մի բան է միայն պարզվել․ Մեպլ֊Ուայտի երկիրը ծածկված է խիտ անտառներով։ Բայց չէ՞ որ ավելի մանրամասն ուսումնասիրության համար հարկավոր կլինեն ամիսներ։ Այլ բան, եթե այստեղ որևէ բարձրունք լիներ։ Սակայն սարահարթը թեքվածք ունի դեպի կենտրոն, նշանակում է որքան էլ խորքերը գնանք, միևնույն է, նրա ընդհանուր տեսարանը մեր առջև չի բացվի։
Հանկարծ ասես ներշնչում ունեցա։ Պատահաբար հայացքս կանգ առավ հանգուցավոր վիթխարի գինգհո ծառի վրա, որն իր հզոր ճյուղերը տարածել էր մեր գլխին։ Մյուս ծառերից ոչ մեկն այդպիսի հաստ բուն չուներ, հետևաբար նա պետք է որ նաև նրանցից բարձր լիներ։ Եթե իսկապես սարահարթի փեշերը բարձրանում են, ապա ինչո՞ւ այդ հսկան չի կարող ծառայել իբրև դիտաշտարակ՝ Մեպլ֊Ուայտի Երկիրը շրջազննելու համար։ Ես դեռ մանկական տարիներում հռչակված էի ծառ բարձրանալու իմ արվեստով։ Ուղեկիցներս ինձնից լավ են մագլցում ժայռերը, բայց այստեղ նրանք ինձ հասնել չեն կարող։ Եթե կարողացա ոտքս դնել ներքևի ճյուղին, մնացածը դատարկ բան է՝ կբարձրանամ մինչև կատարը։
Իմ միտքը խանդավառությամբ ընդունվեց։
― Մեր պատանի բարեկամն ընդունակ է ակրոբատիկ տրյուկներ անելու, որն աներևակայելի է ավելի ծանրաքայլ ու միաժամանակ ավելի պատկառելի մարդկանց համար, ― ասաց Չելենջերը, և նրա այտերը փքվեցին երկու կարմիր խնձորների նման։ ― Ողջունում եմ այդ որոշումը։
― Երիտասարդ, բայց դուք ուղղակի հանճար եք, ― բացականչեց լորդ Ջոնը՝ խփելով մեջքիս։ ― Չեմ հասկանում, թե ինչպե՞ս այդ միտքն առաջ մեր գլխով չանցավ։ Մինչև արևի մայրամուտն ընդամենը մի ժամ է մնում, բայց դուք դեռևս ժամանակ կունենաք շտապով տեղանքի թեկուզ և ամենամոտավոր պլանը գծագրելու։ Բարձրացեք ուղղակի ծոցատետրով։ Հիմա մենք մի երեք արկղ կդնենք իրար վրա, և ես մի կերպ ձեզ կբարձրացնեմ վերև։
Լորդ Ջոնը բարձրացավ արկղերի վրա և սկսեց զգուշությամբ օգնել ինձ, բայց այստեղ Չելենջերը միջամտեց։ Նա մոտեցավ մեզ և տառացիորեն ինձ վեր շպրտեց իր հզոր թաթի մի շարժումով։ Կառչեցի հաստ ճյուղից, ոտքերիս օգնությամբ սկզբում ձգվեցի մինչև իրանիս կեսը, իսկ հետո չոքեցի ճյուղին։ Ներքևի երեք ճյուղերն աստիճանների դեր կատարեցին, ավելի բարակները նույնպես հեշտացնում էին վերելքը, և ես այնպես արագ էի բարձրանում, որ շուտով գետինը բոլորովին ծածկվեց տեսողությունիցս։
Ժամանակ առ ժամանակ արգելքներ էին պատահում, նույնիսկ ստիպված եղա մի տասը ոտնաչափ երկարությամբ լիանայի վրայով բարձրանալ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ էր գնում, և ինձ արդեն թվում էր, թե Չելենջերի թավ բասը շուտով այլևս ինձ չի հասնի։ Սակայն ծառը հսկայական բարձրություն ուներ․ նայեցի վերևի կանաչ սաղարթին և չնկատեցի, որ նա սկսեր թեկուզ որևէ չափով նոսրանալ։
Շուտով իմ վերելքի ճամփին հանդիպեց մի ճյուղ, որի վրա նստել էր մի խիստ կանաչ կծիկ՝ հավանորեն մի որևէ պարազիտային բույս։ Վիզս պարզեցի, աշխատելով ավելի լավ տեսնել նրան և, ցնցված այն բանից, ինչ անսպասելիորեն երևաց իմ աչքերին, քիչ մնաց ծառից ցած գլորվեի։
Ինչ֊որ մեկի դեմքը ինձ էր նայում՝ մեզ իրարից բաժանում էր ընդամենը երկու ոտնաչափ տարածություն։ Այդ արարածը թաքնվել էր կանաչ կծիկի ետևում և գլուխը դուրս հանեց ինձ հետ միաժամանակ։ Դեմքը մարդկային էր, համենայն դեպս ավելի մարդկային, քան ամեն մի կապիկի դեմք։ Երկար, սպիտակավուն, ամբողջովին բշտիկներով ծածկված, տափակավուն քիթ, ներքևի մասսիվ ծնոտ, կզակին և այտերին կոշտ խոզաստև, ճիշտ այտամորուքի նման։ Հրեշը լայն բացել էր երախը և մռնչում էր, ասես անեծքներ տեղալով իմ հասցեին։ Ես տեսա նրա սուր, ցած ծռված շնային ժանիքները։ Կատաղի աչքերը, որոնք թավ հոնքերի տակից նայում էին ինձ սպառնալիքով և ատելությամբ, հանկարծ վայրկենապես անշարժացան անսահման սարսափից։ Հրեշը քարի պես ցած նետվեց։ Լսվեց ջարդվող ճյուղերի ուժեղ ճրթճրթոց, կարմրաշեկ, մազածածկ իրանը մի ակնթարթ երևաց աչքերիս առաջ ու անհետացավ տերևների փոթորկվող շրջապտույտում։
― Բանն ի՞նչ է, ― լսվեց ներքևից լորդ Ռոքստոնի ձայնը։ ― Ի՞նչ է պատահել։
― Դուք տեսա՞ք, ― բղավեցի ես՝ հուզմունքից ամբողջովին դողալով և երկու ձեռքով պինդ կառչած ճյուղից։
― Ինչ֊որ աղմուկ լսեցինք, կարծեցինք, թե ոտներդ սխալ եք դրել։ Իսկ բանն ի՞նչ է։
Այդ տարօրինակ մարդակապկի անակնկալ հայտնվելն այնպես ալեկոծեց ինձ, որ ես արդեն ուզում էի իջնել ծառից և պատահածի մասին պատմել ուղեկիցներիս։ Բայց շատ քիչ էր մնացել մինչև կատարը, և ես ամաչում էի ցած ինջնել՝ առանց ինձ վրա վերցրած խնդիրը կատարելու։
Ուստի բավական երկար դադար տվի, շունչս ետ բերի ու շարունակեցի վեր բարձրանալ։ Մի անգամ ոտքս դրի մի փտած ճյուղի, որը ջարդվեց, և ես կախված մնացի ձեռքերիս վրա, բայց ընդհանրապես վերելքը դժվար չէր։ Տերևները սկսեցին քիչ առ քիչ նոսրանալ, դեմքիս քամի առավ, իսկ այդ նշանակում էր, որ գինգհոն արդեն իշխում էր հարևան ծառերի վրա։
Բայց ես մագլցում էի վեր ու վեր՝ հաստատ որոշելով չնայել չորս կողմս, մինչև կատարը չհասնեմ։ Վերջապես ճյուղերն սկսեցին ճկվել իմ ծանրության տակ։ Ընտրեցի մի հուսալի երկատվածք, հարմար ձևով նստեցի նրա մեջ և նայեցի ներքև իմ առջև տարածված խորհրդավոր երկրի զարմանալի տեսարանին, երկիր, ուր ճակատագիրը գցել էր մեզ։
Արևն արդեն բոլորովին իջել էր հորիզոնի գծին, բայց երեկոն այնպես պարզ էր ու խաղաղ, որ ներքևում փռված սարահարթը երևում էր մի ծայրից մինչև մյուսը։ Դա իրենից ներկայացնում էր մի ձվածիր մոտ երեսուն մղոն երկարությամբ, քսան մղոն լայնությամբ և ոչ խոր ձագարի ձևով, որովհետև մակերեսը թեքվածք ուներ դեպի կենտրոն, որտեղ մի բավական մեծ լիճ կար։ Այդ սքանչելի լճի ափերը ծածկված էին խիտ եղեգներով, կանաչավուն ջրի միջից տեղ֊տեղ երևում էին դեղին ավազուտներ, որոնք արևի մեղմ շողերի տակ փայլփլում էին ոսկու պես։ Ծանծաղուտում բազմաթիվ ինչ֊որ սև առարկաներ կային։ Ալիգատորի համար դրանք շատ մեծ էին, իսկ նավակի համար՝ շատ երկար։ Բինոկլով նկատեցի, որ կենդանի արարածներ էին, բայց թե ինչ, այպես էլ գլխի չընկա։
Սարահարթի այն կողմից, որտեղ մեր ճամբարն էր, տեղ֊տեղ բացատներով կտրատված անտառածածկ լանջերը ձգվում էին մոտ վեց մղոն դեպի կենտրոնական լիճը։ Համարյա ոտքերիս տակ ճանաչեցի իգուանադոնների բացատը, իսկ այնուհետև նոսրացող ծառերի միջից, երևում էր պտերոդակտիլների ճահիճ տանող արահետը։ Լճի մյուս կողմում սարահարթի բնույթը խստորեն փոխվում էր։ Այնտեղ բարձրանում էին ճիշտ այնպիսի բազալտե քարափներ, որպիսիք մենք տեսել էինք ներքևում, հարթավայրից։ Այդ շղթան մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ուներ, և նրա ստորոտում անտառ էր։ Կարմրավուն քարափների ներքևի մասում, գետնից մի փոքր վերև, բինոկլով մի շարք մութ անցքեր նկատեցի՝ ըստ երևույթին, քարայրների մուտքեր։ Այդ քարայրներից մեկի մոտ ինչ֊որ բան սպիտակին էր տալիս, թե ինչ, այնպես էլ չհաջողվեց պարզել։
Գործս վերջացրի միայն արևի մայր մտնելուց հետո, երբ արդեն ոչինչ չէր երևում, և ցած իջա ընկերներիս մոտ, որոնք ծառի տակ անհամբերությամբ ինձ էին սպասում։ Ահա թե ե՜րբ դարձա օրվա հերոսը։ Այդ մտահղացումը պատկանում էր ինձ, ինքս էլ այն կենսագործեցի։ Ահա քարտեզը, որը մի ամիս ժամանակ կտնտեսի մեզ համար և կազատի Անհայտ երկրում կուրորեն թափառելու անհրաժեշտությունից։ Հետևեցին հանդիսավոր ձեռքսեղմումներ։ Բայց նախքան ընկերներիս քարտեզը ցույց տալը, անհրաժեշտ էր պատմել մարդակապիկի հետ հանդիպելու մասին։
― Ամբողջ ժամանակ նա այնտեղ էր, ― ասացի ես։
― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեց լորդ Ջոնը։
― Ինձ հանգիստ չէր տալիս այն զգացումը, որ ինչ֊որ մեկի չար աչքերը հետևում են մեզ։ Հիշո՞ւմ եք, պրոֆեսոր Չելենջեր, ես այդ մասին ասում էի ձեզ։
― Իսկապես, ինչ֊որ այդպիսի բան լսել եմ։ Մեր պատանի բարեկամն այնպիսի դյուրազգացություն ունի, որը բնորոշ է կելտական ցեղի ներկայացուցիչներին։
― Հեռազգայության տեսությունը․․․ ― սկսեց Սամերլին՝ ծխամորճը լցնելով։
― Դա խիստ բարդ պրոբլեմ է, որն այժմ չենք քննարկի, ― վճռականորեն ընդհատեց նրան Չելենջերը։ ― Ավելի լավ է ասեք, ― դարձավ նա ինձ վեհապանծ տեսքով, ինչպես եպիսկոպոս, որը քննության է ենթարկում կիրակնօրյա դպրոցի աշակերտին, ― չնկատեցի՞ք արդյոք՝ կարողանո՞ւմ էր այդ արարածը մեծ մատը ափին սեղմել։
― Ա՛յ, ինչ որ չեմ տեսել, չեմ տեսել։
― Պոչ ունե՞ր։
― Ոչ։
― Ետևի վերջավորությունները բռնո՞ղ էին։
― Ամենայն հավանականությամբ, այլապես նա չէր կարող այդպիսի արագությամբ ճյուղից ճյուղ ցատկել։
― Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Հարավային Ամերիկայում մինչև երեսունվեց տեսակի կապիկ է հաշվվում․․․ պրոֆեսոր Սամերլի, խնդրում եմ ձեռնպահ մնալ դիտողություններ անելուց․․․ բայց նրանց մեջ մարդանմաններ չկան։ Այժմ կասկածից վեր է, որ մարդակապիկներ կան այստեղ, սական դա ինչ֊որ այլ տարատեսակ է և ոչ թե այն մազառատ գորիլլանները, որոնք պատահում են միայն Աֆրիկայում և Արևելքում։ (Քիչ մնաց լեզվիցս թռչեր, որ այդ գորիլլանմաննեի ազգակիցներին տեսել եմ Կենսինգտոնում։) Այստեղի փոփոխակների համար բնորոշ են մազերի առկայությունը դեմքին և մաշկի սպիտակ գույնը․ վերջինս բացատրվում է նրանով, որ այդ կապիկներն ապրում են ծառերի վրա, խիտ տերևների մեջ։ Մեր առջև մի հարց է դրված՝ ո՞ւմ է ավելի մոտենում այստեղի տարատեսակը՝ կապիկի՞ն, թե մարդուն։ Վերջին դեպքում նա, ըստ երևույթին, իրենից ներկայացնում է այն, ինչ որ հասարակ լեզվով կոչվում է «պակասող օղակ»։ Մեր պարտքն է՝ անմիջապես անցնել այդ պրոբլեմի լուծմանը․․․
― Առարկում եմ, ― մեկեն ընդհատեց նրան Սամերլին։ ― Այժմ, երբ մեր ձեռքին քարտեզ կա, ― իսկ դրանով մենք պարտական ենք միստր Մելոունի հնարամտությանն ու եռանդուն գործելակերպին (ես ստիպված եմ բերել նրա խոսքերը), ― մեր միակ պարտքն է՝ բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի անմիջապես ողջ ու անվնաս դուրս գանք այս ահավոր վայրից։
― Քաղաքակրթության բարիքները ձեզ հանգիստ չեն տալիս, ― տնքաց Չելենջերը։
― Այո, սըր։ Եվ քաղաքակրթության ամենամեծ բարիքը ես համարում եմ թանաքը, սըր։ Մենք պետք է հաշիվ տանք այն բոլորի մասին, ինչ տեսել ենք այստեղ, իսկ հետագա ուսումնասիրությամբ թող զբաղվեն ուրիշները։ Դուք ինքներդ դրա հետ համաձայնեցիք, նախքան միստր Մելոունը մեզ իր քարտեզը ցույց կտար։
― Լավ, ― ասաց Չելենջերը։ ― Ես էլ իսկույն կթեթևանամ, երբ վերջնականապես համոզվեմ, որ էքսպեդիցիայի արդյունքները կհասնեն մեր բարեկամներին ի գիտություն։ Բայց առայժմ ես գաղափար չունեմ, թե ինչպե՞ս դուրս պրծնենք այստեղից։ Այնուամենայնիվ, դեռևս Ջորջ Էդուարդ Չելենջերն առիթ չի ունեցել դեմ առնելու այնպիսի պրոբլեմների, որոնք վեր լինեին նրա հնարամիտ խելքից, և նա խոստանում է վաղն իսկ ընդհուպ զբաղվել այդ հարցով։
Վիճաբանությունը վերջացավ։ Այդ նույն երեկոյան խարույկի և միակ մոմի լույսի տակ իմ ճեպանկարի հիման վրա մենք գծագրեցինք Կորսված աշխարհի քարտեզը։ Հենց քիչ առաջ ծառերի կատարից նշած իմ մանրամասները տեղադրվեցին համապատասխան տեղերում։ Չելենջերի մատիտը կանգ առավ լիճը պատկերող սպիտակ, մեծ խալի վրա։
― Իսկ ի՞նչ անուն տանք սրան։
― Ինչո՞ւ առիթից չօգտվեք ձեր անունն անմահացնելու համար, ― սովորական խայթող տոնով ասաց Սամերլին։
― Ես համոզված եմ, սըր, որ սերունդներն ավելի ծանրակշիռ հիմքեր կունենան Չելենջերին հիշելու։ Եվ այդ հիմքերը կհանգեն նրա անձնական ծառայությունների վրա, ― խստությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Յուրաքանչյուր տգետ կարող է իր անունը զոռով փաթաթել որևէ գետի կամ լեռան վզին։ Ինձ այդպիսի հուշարձան պետք չէ։
Սամերլին ծուռ ժպտաց՝ պատրաստվելով նոր հարձակման, բայց լորդ Ջոնն շտապեց ընդհատել վիճողներին։
― Սիրելի երիտասարդ, լիճը դուք պետք է մկրտեք, ― ասաց նա։ ― Առաջինը դուք եք տեսել այն, և եթե ուզենաք քարտեզի վրա նշել «Մելոունի լիճ», ոչ ոք ձեզ չի հակառակի։
― Իհարկե, իհարկե։ Թող մեր պատանի բարեկամն անուն տա լճին, ― պատասխանեց նրան Չելենջերը։
― Այդ դեպքում, ― ասացի ես և զգացի, որ կարմրում եմ, ― թող նա կոչվի Գլեդիսի լիճ։
― Իսկ ձեզ չի՞ թվում, որ «Կենտրոնական» անունն ավելի պարզ պատկերացում կտա նրա դիրքի մասին, ― հարցրեց Սամերլին։
― Ո՛չ, թող լինի Գլեդիսի լիճ։
Չելենջերը մի համակրական հայացք նետեց ինձ վրա և կատակով օրորեց գլուխը։
― Ա՛խ, ջահելությո՜ւն, ջահելո՜թյուն, ― ասաց նա։ ― Դե ինչ, Գլեդիս է, թող Գլեդիս լինի։
Գլուխ XII «Ինչ զարհուրելի էր անտառում»
Վերջին ժամանակներս իմ հիշողությունը չար կատակներ է անում ինձ հետ, բայց կարծեմ նախորդ նամակում հիշատակել եմ, որ ես գլուխս կորցրել էի հպարտությունից, երբ երեք այնպիսի երևելի մարդիկ, ինչպիսիք իմ ուղեկիցներն են, շնորհակալությամբ սեղմեցին ձեռքս։ Նրանց ասելով, ես փրկեցի կամ համենայն դեպս զգալիորեն թեթևացրի մեր վիճակը։ Լինելով արշավախմբի ամենակրտսեր անդամը և զիջելով ընկերներիս փորձի և բնավորության ամրության տեսակետից՝ ես մեր ճանապարհորդության առաջին իսկ օրից մնացել էի ստվերի մեջ։ Բայց այժմ հասավ նաև իմ հերթը։ Ավա՜ղ, հպարտությունը լավ բան չի խոստանում։ Ինքնագոհության զգացումը և ուժերիս նկատմամբ միանգամայն նոր վստահությունը հասցրին այն բանին, որ հենց նույն գիշեր այնպիսի փորձություն վիճակվեց ինձ, որի մասին մինչև հիմա էլ չեմ կարողանում առանց սարսափի հիշել։
Ահա թե ինչպես պատահեց։ Չափազանց հուզված գինգհո ծառի գագաթը հաջողությամբ բարձրանալուց, ես ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Այդ գիշեր առաջինը Սամերլին էր հերթապահում։ Խարույկի աղոտ լույսի տակ երևում էր նրա անհեթեթ, անճոռնի կերպարանքը։ Նա նստել էր կորացած, հրացանը դրած ծնկներին, և այնպես էր տանձ կշռում, որ մորուքը շարունակ ցնցվում էր։ Լորդ Ջոնը պառկել էր փաթաթված իր հարավամերիկյան վերմակի՝ պոնչոյի մեջ, և նրա ձայնը բոլորովին չէր լսվում։ Դրա փոխարեն Չելենջերըի բարձր, թավ խռմփոցը տարածվում էր ողջ անտառով մեկ։
Լիալուսինը վառ կերպով լուսավորում էր․ գիշերային ցուրտ օդը թափանցում էր մարդու մարմին։ Զբոսանքի համար ի՜նչ հարմար գիշեր։ Հանկարծ գլխումս մի միտք ծագեց․ իսկ ինչո՞ւ իսկապես չզբոսնել։ Իսկ ի՞նչ, եթե կամացուկ դուրս գամ ճամբարից, գտնեմ կենտրոնական լճի ճամփան և առավոտյան վերադառնամ մի ամբող կույտ նորություններով։ Չէ՞ որ այն ժամանակ իմ վարկը է՛լ ավելի կբարձրանա։ Եվ եթե Սամերլին հարկադրի մեզ այստեղից դուրս պրծնելու մի ելք գտնել, մենք Լոնդոն կվերադառնանք ամենաճշգրիտ տեղեկություններ ունենալով Մեպլ֊Ուայտի Երկրի կենտրոնական մասի վերաբերյալ, որտեղ, բացի ինձանից, ուրիշ ոչ ոք չի լինի։ Հիշեցի Գլեդիսին․․․ «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը» ― հնչեց ականջներիս մեջ։ Հիշեցի նաև Մակ֊Արդլին։ Ինչպիսի՜ նյութ թերթի համար՝ ամբողջ ճակատով մեկ։ Ինչպիսի՜ կարիերա է սպասում ինձ ապագայում։ Եթե պատերազմ սկսվի, թերևս ինձ իբրև թղթակից ուղարկեն ռազմական գործողությունների թատերաբեմ։
Ես վերցրի առաջին պատահած հրացանը, ― փամփուշտները գրպանումս էին, ― և, մի կողմ քաշելով ամրոցի մուտքը փակող անցկալը, դուրս սողացի ցանկապատի միջից։ Ետ նայելով՝ տեսա մեր վայ ժամապահ Սամերլիին, որն առաջվա պես ննջում էր հանգչող խարույկի մոտ՝ անճոռնի արձանիկի նման օրորելով գլուխը։
Հենց առաջին հարյուր յարդից հետո պարզ դարձրավ իմ վարմունքի ողջ անմտությունը։ Կարծեմ ես արդեն այս խրոնիկայի էջերում հիշատակել եմ, որ վառ երևակայությունն ինձ խանգարում է իսկականից համարձակ մարդ լինել, այլև հիշատակել եմ, որ ես ամենից շատ վախենում եմ վախկոտ համարվելուց։ Ահա հենց այդ վախն էլ ինձ առաջ էր մղում։ Ես պարզապես չէի կարող դատարկաձեռն վերադառնալ ճամբար։ Նույնիսկ եթե ընկերներս գլխի չընկնեին ու չիմանային իմ փոքրոգության մասին, միևնույն է, այրող ամոթից գլուխս թաքցնելու տեղ չէի գտնի։ Միաժամանակ ես եկյուղից շարունակ դողում էի և պատրաստ էի ամեն բան տալ, միայն թե արժանավայել ելք գտնեի այդ հիմար դրությունից։
Ի՜նչ զարհուրելի էր անտառում։ Ծառերը կանգնած էին այնպիսի խիտ պատնեշով, նրանց տերևներն այնքան թանձր էին, որ լուսնի լույսը համարյա ցած չէր թափանցում, և միայն ամենավերևի ճյուղերն էին նուրբ մետաղե նախշեր գծել աստղալից երկնքի ֆոնին։ Քիչ առ քիչ վարժվելով մթությանը՝ աչքերս սկսեցին առանձին բաներ տեսնել։ Որոշ ծառեր այնուամենայնիվ երևում էին այդ խավարում, մյուսները բոլորովին թաղվում էին ածխասև վիհերում, որոնցից ես սարսափով ետ էի ընկրկում, քանի որ երբեմն թվում էր, թե դրանք ինչ֊որ քարայրների մուտքեր են։ Հիշեցի մահվան դատապարտված իգուանադոնի հուսահատ ոռնոցը, որը տարածվեց ամբողջ անտառում։ Հիշեցի նաև այն գորտնուկավոր, արյունոտ մռութը, որ տեսա լորդ Ռոքստոնի ջահի լույսով։ Զարհուրելի անանուն հրեշը հենց այս տեղերում է որսի դուրս գալիս։ Նա ամեն րոպե անտառի խավարից կարող է նետվել ինձ վրա։ Կանգ առա, գրպանիցս մի փամփուշտ հանեցի ու քաշեցի հրացանի փակաղակը։ Եվ հանկարծ սիրտս քարացավ։ Որսի հրացանն էի վերցրել։
Եվ ես նորից մտածեցի․ «Ետ չդառնա՞մ արդյոք»։ Առիթը միանգամայն բավական է․ ոչ ոք չի համարձակվի կասկածել անհաջողությանս պատճառների մասին։ Սակայն անմիտ հպարտությունս ապստամբեց այդ խոսքի դեմ։ Ոչ, ես չէի ուզում, չէի կարող թույլ տալ, որ գործս ձախողվեր։ Եթե բանն այդտեղ հասավ, ապա այն վտանգների դեմ հանդիման, որոնք ամենայն հավանականությամբ սպառնում են ինձ, մյուս հրացանը ոչ պակաս անօգուտ զենք կլիներ, քան որսորդականը։ Վերադառնալ ճամբար և սխալն ուղղել միտք չունի՝ երկրորդ անգամ ինձ չի հաջողվի աննկատ դուրս գալ այնտեղից։ Հարկ կլինի բացատրել իմ մտադրությունը, և այն ժամանակ նախաձեռնությունը ձեռքիցս կգնա։ Կարճատև տատանումներից հետո մի կերպ սիրտ առա և առաջ շարժվեցի, անօգուտ հրացանը թևիս տակ դրած։
Անտառի խավարը երկյուղ էր ազդում, բայց իգուանադոնների բացատում, որը ողողված էր լուսնի միապաղաղ լույսով, ես համակվեցի ավելի մեծ երկյուղով։ Ուշադիր զննում էի բացատը՝ թաքնված թփերի մեջ։ Հրեշներ չէին երևում։ Ողբերգությունը, որի չարաբաստիկ հերոսն էր դարձել իգուանադոններից մեկը, հավանորեն ստիպել էր մյուսներին հեռանալ այդ արոտավայրից։ Միգապատ, արծաթավուն գիշերը խաղաղ էր՝ ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն։ Սրտապնդվելով՝ արագ վազեցի անցա բացատը և նորից դուրս եկա առվակի ափը, որը ծառայում էր ինձ իբրև ուղեցույց։ Այդ ուրախ ուղեցույցը հոսում էր շատախոս խոխոջյունով, ինչպես սրտիս սիրելի այն առվակը հայրենիքում, որտեղ ես դեռ մանուկ, գիշերները ձուկ էի որսում։ Եթե հոսանքն ի վար գնայի, նա ինձ կհասցներ լճին․ եթե վերև բարձրանայի, կվերադառնայի ճամբար։ Առվակը մերթ ընդ մերթ կորչում էր թփերի մեջ, բայց նրա անլռելի մրմունջը շարունակ իմ ականջներում էր։
Որքան թեքությամբ ներքև էի իջնում, այնքան ավելի ու ավելի էր անտառը նոսրանում, աստիճանաբար իր տեղը զիջելով թփուտներին, որոնց մեջ տեղ֊տեղ միայն վեր էին ցցվում բարձր ծառերը։ Քայլելը հեշտացավ, և այժմ ես կարող էի նայել շուրջս՝ ինքս աննկատ մնալով։ Ճանապարհն անցնում էր պտերոդակտիլների ճահճի մոտով, որտեղից չոր խշշոցով ու սուլոցով վեր խոյացավ այդ հսկաներից մեկը․ նրա թևերի լայնքը ամենաքիչը քսան ոտնաչափ կլիներ։ Ահա նա ծածկեց լուսնի սկավառակը, և թաղանթավոր թևերը, որոնց միջից թափանցում էր շլացուցիչ սպիտակ փայլը, կմախքի սև ուրվագծով գծագրվեցին իմ գլխավերևում։ Նետվեցի թփերի մեջ, փորձով գիտենալով, որ հերիք է այդ հրեշը ձայն արձակի, և նրա նողկալի եղբայրակիցներն ամբողջ խմբով ինձ վրա կհարձակվեն։ Եվ միայն պտերոդակտիլի թփուտներում իջնելուց հետո ես զգուշությամբ առաջ շարժվեցի։
Հազվադեպ խաղաղ գիշեր էր, բայց ահա այդ խաղաղությունը խանգարեց մի խուլ, հավասար դղրդյուն, որն իմ ամեն մի քայլից հետո ավելի ու ավելի էր ուժեղանում։ Վերջապես, բոլորովին մոտեցա ու կանգ առա այն աղբյուրի մոտ, որից դուրս էր գալիս կաթսայում եռացող ջրի բղկբղկոց հիշեցնող այն ձայնը, և հասկացա, թե բանն ինչ է։ Ոչ մեծ բացատի մեջտեղում երևում էր մի լիճ, ավելի ճիշտ՝ լճակ, որովհետև տրամագծով նա ավելի մեծ չէր Տրաֆալգար֊պուրակի ջրամբարից։ Ձյութի նման սև նրա մակերեսը անընդհատ պղպջակներ էր կապում, որոնք պայթում էին՝ իրենցից գազ արձակելով։ Ավազանի վրա օդը թրթռում էր տապից, իսկ շրջապատի հողն այնքան տաք էր, որ երբ ձեռքս մոտեցրի գետնին, իսկույն թափով ետ քաշեցի։ Ըստ երևույթին, հրաբխային այդ հզոր պրոցեսը, որը շատ դարեր առաջ սարահարթը շպրտել էր երկրի մակերեսին, դեռևս չէր ավարտվել։ Մենք արդեն այստեղ փարթամ կանաչի մեջ տեսել էինք ժայռերի սև բեկորներ և սառած լավա, բայց հեղուկ ասֆալտի այս ավազանը առաջին անվիճելի ապացույցն էր, որ վաղեմի հրաբուխը շարունակում է գործել մինչև այսօր։ Դժբախտաբար, պետք է շտապեի, որպեսզի մինչև լուսաբաց վերադառնայի ճամբար, և ես այլևս երկար չմնացի այդտեղ։
Մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա այդ զարհուրելի ճանապարհը։ Լուսնի լույսով լուսավորված բացատներն անցնում էի եզրերով՝ աշխատելով մնալ թանձր ստվերում։ Մացառուտներում մի գլուխ սարսափից քարանում էի, լսելով ճյուղերի ճթթոցը, որոնց միջով անցնում էր որևէ գազան։ Իմ առաջ հայտնվում էին հսկայական ստվերներ և նորից չքանում՝ անաղմուկ սահելով փափուկ թաթերի վրա։ Հաճախ էի կանգ առնում՝ հաստատ որոշելով ետ դառնալ, և ամեն անգամ հպարտությունս հաղթում էր վախին ու ինձ առաջ մղում դեպի նպատակը։
Վերջապես (իմ ժամացույցով ժամը երկուսի սկիզբն էր), ծառերի արանքից փայլեց ջուրը, և մի տասը րոպեից հետո ես արդեն կանգնել էի կենտրոնական լճի ափին, եղեգների մեջ։ Ծարավը վաղուց էր տանջում ինձ․ պառկեցի փորի վրա, սկսեցի խմել։ Ջուրն սառն էր ու շատ հաճելի։ Մի լայն, բազմաթիվ ոտնահետքերով տրորված արահետ գալիս հասնում էր մինչև իմ կանգնած տեղը․ հավանորեն գազանները այստեղ էին գալիս ջուր խմելու։ Հենց լճափին բարձրանում էր սառած լավայի մի վիթխարի կոշտ։ Ելա նրա վրա, պառկեցի և նայեցի չորս կողմս։
Առաջին բանը, որ տեսա, ապշեցրեց ինձ իր անսպասելիությամբ։ Նկարագրելով գինգհո ծառի կատարից բացվող տեսարանը, ես հիշատակեցի դիմացի քարափի վրա եղած մութ բծերը, որոնք կարելի էր ընդունել իբրև քարայրների մուտքեր։ Այժմ նայելով այն կողմ, ես տեսա բազմաթիվ կլոր անցքեր, որոնք վառ կարմիր լույս էին արձակում, ինչպես գիշերային խավարում օվկիանոսային շոգենավերի լուսանցույցներ։ Սկզբում կարծեցի, թե դա դեռևս չհանգած հրաբխի լավայի հրացոլքն է, բայց իսկույն էլ հրաժարվեցի այդպիսի ենթադրությունից։ Լավան կեռար որևէ տեղ ներքևում, այլ ոչ թե բարձր ժայռերի մեջ։ Ուրեմն, հապա այդ ի՞նչ է նշանակում։ Անհավատալի է, բայց երևի այլ բացատրություն չի կարելի տալ․ այդ կարմրավուն կետերը ոչ այլ ինչ են, քան խարույկների հրացոլքեր, որոնք վառվում են քարայրներում, խարույկներ, որ միայն մարդկային ձեռքը կարող էր վառել։ Հետևապես, սարահարթում մարդիկ կան։ Ի՜նչ փայլուն արդյունքներ տվեց իմ գիշերային զբոսանքը․․․ Այսպիսի տեղեկություններով ամոթ չի լինի Լոնդոն վերադառնալ։
Երկար նայում էի այդ կարմիր, թրթռուն ցոլքերին։ Մինչև այնտեղ ոչ պակաս տասը մղոն կլիներ, բայց նույնիսկ այդպիսի հեռավորությունից կարելի էր նշմարել, թե ինչպես այդ ցոլքերը մերթ մարում էին, մերթ բռնկվում ավելի վառ, մերթ բոլորովին անհետանում, երբ ինչ֊որ ստվերներ ծածկում էին դրանք։ Ինչ ասես չէի տա, որպեսզի գաղտագողի մոտենայի այն քարայրներին, նայեի ներս, ապա պատմեի ուղեկիցներիս երկրագնդի այդ խորհրդավոր անկյունում բնակվող մարդկային ցեղի արտաքին տեսքի և ապրելակերպի մասին։ Այժմ ավելորդ էր այդ մասին մտածել, բայց հազիվ թե մեզանից մեկնումեկն ուզենա թողնել սարահարթը, առանց կարգին իմանալու՝ ինչ է թաքնված այնտեղ, քարայրներում։
Գլեդիսի լիճը, ― ի՜մ լիճը, ― փայլում էր դեմս ինչպես սնդիկ, իսկ ուղիղ նրա կենտրոնում արտացոլվել էր լուսնի լուսավոր դեմքը։ Լիճը խորը չէր․ մի քանի տեղերում ջրի տակից երևում էին ավազե ծանծաղուտներ։ Լճի հարթ մակերեսն ապրում էր իր կյանքով՝ նրա վրա հայտնվում էին մերթ օղակներ, մերթ թեթև կնճիռներ, ահա ձուկը փայլեց իր արծաթե թեփուկներով, ահա երևաց ինչ֊որ հրեշի սև թերթաքարե սապատավոր մեջքը։ Մի տարօրինակ արարած, որ նման էր երկար, ճկուն վզով հսկայական կարապի, անցավ դեղին ծանծաղուտի եզրով, ապա ծանրությամբ շրմփաց ջուրը և սկսեց լողալ։ Նրա կոր վիզը և ճարպիկ գլուխը դեռ երկար նկատելի էին ջրի վրա։ Հետո նա սուզվեց և այլևս չերևաց։
Շուտով ամբողջ ուշադրությունս դարձրի այն բանի վրա, ինչ կատարվում էր համարյա իմ ոտքերի մոտ։ Լճափին հայտնվեցին երկու գազաններ, որոնք նման էին խոշոր արմադիլների։[37] Նրանք վրա ընկան ջրին և սկսեցին արագ֊արագ աշխատել լեզուների երկար, կարմիր ժապավեններով։ Նրանց ետևից ջուր խմելու եկավ բազմաճյուղ եղջույրներով հսկա մի եղջերու իր եղնիկի և երկու ձագերի հետ։ Բացի Մեպլ֊Ուայտի Երկրից, երևի էլ ուրիշ ոչ մի տեղ չես կարող այդպիսի արքայական արարած գտնել, թե՛ իշայծամը, թե՛ամերիկյան եղջերուն հազիվ նրա ուսերից լինեին։ Ամբողջ ընտանիքը հանգիստ ջուր էր խմում, բայց հանկարծ արուն նախազգուշաբար փնչացրեց, և նրանք մի ակնթարթում կորան եղեգների մեջ։ Արմադիլները նույնպես կաղին տալով հեռացան։ Արահետի վրա հայտնվեց ինչ֊որ նոր արարած՝ մի իսկական հրեշ։
Գլխովս մի միտք անցավ՝ արդյոք որտե՞ղ եմ տեսել այդ այլանդակ հրեշին՝ մեջքին եռանկյունաձև ատամներ շարված, փոքրիկ թռչնային գլխով, որ կախ էր ընկել համարյա մինչև գետին։ Հանկարծ հիշեցի․ չէ՞ որ դա ստեգոզավր է, որին Մեպլ֊Ուայտը պատկերել էր իր ալբոմի էջերում, այն հրեշը, որով ամենից առաջ հետաքրքրվել էր Չելենջերը։ Ահա նա իմ առջև է՝ թերևս նույն այն գազանը, որը հանդիպել էր ամերիկացի նկարչին։ Գետինը դողում էր նրա սարսափելի ծանրության տակ, ջուրը նա այնքան աղմուկով էր լափում, որ այդ ձայներն արթնացրին գիշերը։ Մի հինգ րոպե ստեգոզավրը կանգնել էր բոլորովին իմ կողքին։ Հերիք է ձեռքս պարզեի, և կարող էի շոշափել նրա մեջքի գարշելի ատամները, որոնք ցնցվում էին յուրաքանչյուր շարժումից։ Կշտանալուց հետո հրեշը քարշ գալով հեռացավ ու ծածկվեց գլաժայռերի ետևում։
Հանեցի ժամացույցս՝ երկուսն անց էր կես, իսկը ճամբար վերադառնալու ժամանակը։ Վերադարձի ճամփան ոչ մի կասկած չէր հարուցում իմ մեջ, քանի որ ես այստեղ էի եկել՝ շարունակ քայլելով առվակի ձախ ափով, իսկ առվակը իմ դիտակետից մի քանի քայլի վրա թափվում էր կենտրոնական լիճը։ Եվ այսպես, ամենալավ տրամադրությամբ քայլեցի դեպի ճամբար, հպարտ իմ գիշերային զբոսանքի արդյունքներով և նորությունների այն կույտով, որ կմատուցեմ ընկերներիս։ Ւհարկե, ամենակարևոր նորությունը ներսից քարայրների լուսավորումն էր, որտեղ, ամենայն հավանականությամբ, ապրում է տրոգլոդիտների ինչ֊որ ցեղ։ Սակայն կենտրոնական լճի իմ դիտողությունները ևս մի բան արժեն։ Կարող եմ հաստատել, որ նա լի է կենդանի արարածներով, և, բացի դրանից կնկարագրեմ մինչպատմական ցամաքային կենդանիների մի քանի նոր տեսակներ, որոնք մինչև այժմ մեզ չեն հանդիպել։ Աշխարհում քիչ կգտնվեն այնպիսի մարդիկ, մգածում էի ես, որոնք մի գիշերվա ընթացքում, և ի՜նչ արտասովոր գիշեր, ― կարողանային այդքան արժեքավոր ներդրում կատարել մարդկային գիտելիքների գանձարանը։
Կլանված իմ մտքերով, դանդաղ բարձրանում էի բլրալանջով և արդեն մոտավորապես ճամբարի կիսաճամփին էի, երբ ետևիցս լսվող տարօրինակ ձայներն ուշքի բերին ինձ։ Դա խռմփոցի և մռնչյունի միջև ընկած մի ձայն էր՝ խուլ, ցածր ու ահեղ։ Ըստ երևույթին մոտերքում ինչ֊որ գազան հայտնվեց, բայց մթության մեջ ոչինչ չէր երևում։ Քայլերս արագացրի և, մի կես մղոն ևս անցնելով, նորից լսեցի նույն ձայները։ Այս անգամ դրանք ավելի բարձր էին ու սարսափելի։ Սիրտս քար կտրեց այն մտքից, որ մեկը հետապնդում է ինձ։ Սարսռալով զգացի, թե ինչպես գլխիս մազերը բիզ֊բիզ կանգնեցին։ Թող այդ հրեշներն իրար պատառ֊պատառ անեն, այդպես է գոյության կռիվը, բայց որ նրանք հարձակվեն ժամանակակից մարդու, աշխարհի տիրակալի վրա՝ այդ զարհուրելի մտքի հետ չէի կարող հաշտվել։ Աչքիս առաջ նորից հայտնվեց Դանթեի «Դժոխքի» այդ ահավոր տեսիլքը՝ արնաթաթախ մռութ, որը մի ակնթարթ լուսավորեց լորդ Ջոնի վառվող ճյուղով։ Կանգնել և աչքերս չռած նայում էի ետ, դեպի լուսնի լույսով ողողված արահետը․ ծնկներս վախից ծալվում էին։ Այդպիսի բան միայն երազում կարող է լինել․ լռություն, թփերի սև բծեր և լուսնի արծաթավուն պատառներ բացատներում։ Եվ հանկարծ նույն ցածր, կոկորդային մռնչյունը նորից խզեց այդ ահեղ լռությունը։ Նա հնչում էր է՛լ ավելի բարձր, ավելի ու ավելի մոտիկից։ Կասկած լինել չէր կարող․ մեկը հետևում էր ինձ, և հետապնդողի և իմ միջև եղած տարածությունը րոպե առ րոպե կրճատվում էր։
Կանգնել էի, ոնց որ տեղում մեխված, և չէի կարողանում հայացքս արահետից կտրել։ Եվ հանկարծ նա հայտնվեց։ Բացատի հեռավոր ծայրին, որը ես հենց նոր էի անցել, թփերը ցնցվեցին։ Ինչ֊որ խոշոր, մութ բան անջատվեց նրանից և մի ոստյունով ցատկեց լուսնի լույսով ողոված խոտերի վրա։ «Մի ոստյուն» ասելով, ես բերնիցս չթռցրի, որովհետև հրեշը շարժվում էր կենգուրուի նման ձգված ողջ հասակով մեկ և ետևի ուժեղ զարգացած ոտքերով առաջ մղելով իրեն․ առջևի ոտքերը սեղմված էին փորին։ Այդ գազանի ուժն ու չափերը ապշեցրին ինձ՝ ոնց որ իսկական ծառս եղած փիղ։ Եվ այդ բոլորով հանդերձ այդպիսի դյուրաշարժություն։ Մի պահ մտքումս դեռ մի հույս առկայծեց՝ միգուցե դա անվնաս իգուանադո՞ն է միայն։ Բայց չնայած իմ ամբողջ տգիտության, հասկացա, որ սխալվում եմ։ Եռամատ խոտակեր իգուանադոնի գլուխը փոքր էր, ինչպես եղնիկինը, իսկ այս ճիվաղի գլուխը լայն է, տափակ․ մի խոսքով, իսկական պատճենը այն գազանի դոդոշային մռութի, որ անցած գիշեր վախեցրեց մեզ։ Այն կատաղի մռնչյունն ու համառությունը, որով նա հետապնդում էր ինձ, վկայում էին, որ դա մսակեր դինոզավր է, մեկն այն ամենազարհուրելի գազաններից, որ երբևէ ապրել են երկրի վրա։ Հրեշը մի գլուխ ընկնում էր առջևի թաթերին և քիթը մոտեցնում գետնին, հոտոտելով իմ հետքերը։ Երբեմն հետքերը կորչում էին, բայց դինոզավրը գտնում էր ու նորից վիթխարի ցատկերով հետապնդում ինձ։
Նույնիսկ այժմ, լոկ այդ մղձավանջը հիշելիս, սառը քրտինքը պատում է ճակատս։ Ի՞նչ անեի։ Որսորդական հրացանը ձեռքիս էր, բայց ի՞նչ օգուտ հիմա նրանից։ Հուսահատությամբ նայեցի շուրջս որևէ թաքստոց գտնելու, ― ժայռ կամ ծառ, ― բայց այստեղ, խիտ թփուտներում, միայն մատղաշ ծառեր էին, իսկ հետապնդողի համար հավանորեն ոչ մի դժվարություն չէր ներկայացնում եղեգնի նման ջարդել նաև մեծ ծառերը։ Հարկավոր է փախուստի դիմել, ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Բայց ինչպե՞ս վազել քարքարոտ բլրալանջով։ Բարեբախտաբար ժամանակին նկատեցի ճանապարհս հատող լավ տրորված մի կածան։ Մեր հետախուզությունների ընթացքում մենք գազանների կողմից բացած քիչ այդպիսի արահետներ չէինք տեսել։ Եթե վազեմ այդ կածանով, թերևս հաջողվի ազատվել հետապնդումից, մանավանդ որ ես լավ եմ վազում և այժմ ուժս տեղն է։ Անպետք հրացանը մի կողմ նետելով, ես սպրինտի այնպիսի վարպետություն ցույց տվի, որպիսին ցույց չէի տվել ո՛չ մինչև այդ գիշեր, ո՛չ էլ դրանից հետո։ Ոտքերս ծալվում էին, կուրծքս պայթում էր, շունչս դեմ էր առել կոկորդիս, բայց ես, սարսափից հետապնդված, վազում էի առաջ ու առաջ։ Վերջապես, երբ ուժերս արդեն սպառվեցին, կանգ առա։ Մի վայրկյան թվաց, թե հետապնդումը վերջացավ՝ կածանում ոչ ոք չկար։ Եվ հանկարծ նորից ճյուղերի ճրթճրթյուն, հսկա ոտքերի դոփյուն, հզոր թոքերի սուլող շնչառություն․․․ Գազանը հասնում էր։ Նա արդեն բոլորովին մոտ է։ Փրկություն չկա։
Խելագա՛ր։ Ինչո՞ւ էի փախուստից առաջ այդքան երկար մտածում։ Սկզբում դինոզավրը հույսը դրել էր միայն իր հոտառության վրա, իսկ դա դանդաղեցնում էր հետապնդումը։ Բայց հենց որ ես վազեցի, նա նկատեց ինձ և այդ րոպեից այլևս բաց չէր թողնում։ Էլի մի քանի ոստյուն, և հրեշը երևաց կածանի ոլորապտույտից։ Լուսնի վառ լույսի տակ փայլեցին նրա խոշոր, դուրս ընկած աչքերը, երկշարք ահավոր ատամներով երախը և առջևի կարճ թաթերի սուր֊սուր ճիրանները։ Ես մի վայրի ճիչ արձակեցի և ամբողջ թափով նետվեցի առաջ։ Խռպոտ, ընդհատ շնչառությունն ավելի ու ավելի էր մոտենում։ Ծանր դոփյունը հասավ ինձ։ Եվս մի ակնթարթ, և հրեշը կկախվի մեջքիցս։ Եվ հանկարծ խլացուցիչ ճայթյուն, թռչում եմ դեպի անդունդ, իսկ հետո՝ խավար ու ինքնամոռացություն․․․
Երբ ուշքի եկա, ― կարծում եմ, որ դա տևեց ընդամենը մի քանի րոպե, ― մի ահավոր, բոլորովին անտանելի գարշահոտություն քթիս խփեց։ Մթության մեջ ափլփեցի և մի ձեռքով շոշափեցի հսկայական մսի կտորի նման ինչ֊որ բան, մյուսով՝ մի ծանր ոսկոր։ Բարձր երկնքում, կանոնավոր ձվածիրի մեջ փայլում էին աստղերը։ Հետևաբար, ես պառկած էի ինչ֊որ խոր փոսի հատակում։ Դժվարությամբ վեր բարձրացա և ոտքից գլուխ շոշափեցի ինձ։ Ամբողջ մարմինս տնքում էր, բայց ոսկորներս անվնաս էին, ոչ մի ջարդվածք չգտա։ Երբ մշուշապատ ուղեղումս դուրս լողացին փոսի մեջ ընկնելուն նախորդող հանգամանքները, սարսափով նայեցի վերև, լիովին համոզված, որ ահա, ուր որ է, դինոզավրի սև գլուխը կերևա գունատվող երկնքի ֆոնին։ Բայց ամեն ինչ լուռ էր, խաղաղ։ Այն ժամանակ ես դանդաղ, շոշափելով անցա փոսի հատակը՝ աշխատելով հասկանալ, թե բախտավոր պատահականությունն ինձ ուր է գցել։ Փոսը խորն էր, թեք պատերով և մոտ քսան ոտնաչափ լայնությամբ հարթ հատակով։ Հատակին թափված էին բոլորովին նեխած մսի կտորներ, որոնցից անտանելի գարշահոտություն էր տարածվում։ Կոխկրտելով այդ լեշերը և շարունակ սայթաքելով՝ ես հանկարծ դեմ առա ինչ֊որ ամուր բանի․ դա փայտե մի ցից էր, խփված ուղիղ փոսի կենտրոնում։ Շոշափեցի այն, ձեռքս սահեց ինչ֊որ կպչուն բանի վրայով, բայց այնպես էլ չհասավ ցցի ծայրին։
Հանկարծ հիշեցի, որ գրպանումս մոմի լուցկիներ կան։ Մեկը չրթացնելով, իսկույն հասկացա այդ փոսի նշանակությունը։ Կասկածել չէր կարելի․ դա մարդու ձեռքով փորված ծուղակ էր։ Կենտրոնում տնկած ինը ոտնաչափ բարձրությամբ սուր ցիցը ամբողջովին սևացել էր վրան խրված կենդանիների արյունից։ Հատակին թափված հոտած մսի կտորները, հավանորեն, ցցի վրայից էին կտրատված, որպեսզի տեղն ազատվի հետևայլ զոհերի համար։
Հիշեցի Չելենջերին, որը պնդում էր, թե մարդը պաշտպանության իր թույլ միջոցներով չի կարող ապրել նման հրեշներով բնակեցված սարահարթում։ Բայց այժմ գազանների դեմ նրանց պայքարի ձևերն ինձ համար պարզվեցին։ Նեղ մուտքերով քարայրները ծառայութմ էին իբրև հուսալի ապաստան իրենց բնակիչների համար, ովքեր էլ որ դրանք լինեին։ Այդ մարդկային արարածների մտավոր գերազանցությունը վիթխարի թեփամորթների նկատմամբ, ըստ երևույթին, այնքան մեծ էր, որ թույլ էր տալիս նրանց՝ գազանների կածաններում ճյուղերով քողարկված ծուղակներ պատրաստել, որոնց մեջ, հակառակ իրենց ամբողջ ուժին ու ճարպկության, նրանց թշնամիները զոհվում էին։ Այստեղ էլ մարդն իշխում էր աշխարհի վրա։
Փոսից դուրս գալու համար առանձին ճարպկություն չէր պահանջվում, բայց ես երկար ժամանակ սիրտ չէի անում՝ վախենալով ընկնել հրեշի ճանկը, որը քիչ մնաց ինձ պատառ֊պատառ աներ։ Ի՞նչ իմանաս, միգուցե դինոզավրը հետևում է իր զոհին՝ թաքնված թփերի մեջ։ Բայց ես հիշեցի Չելենջերի ու Սամերլիի միջև տեղի ունեցած մի խոսակցություն, որ վերաբերում էր այդ հսկա սողունների սովորություններին, և մի փոքր սրտապնդվեցի։ Երկու պրոֆեսորն էլ համամիտ էին, որ դինոզավրի պլաստիկ գանգում տեղ չկա բանականության համար, և որ ըստ երևույթին դրանք բոլորովին անուղեղ կենդանիներ են, որոնք երկրի երեսից չքացել են գոյության փոփոխվող պայմաններին բոլորովին հարմարվել չկարողանալու հետևանքով։
Նախքան ինձ հսկելը դինոզավրը պետք է հասկանար, թե ինչ պատահեց, բայց դրա համար պահանջվում էր պատճառի ու հետևանքի միջև կապ հաստատելու ունակություն։ Շատ ավելի հավանական է, որ այդ հիմար կենդանին, որը գործում էր միայն գիշատական բնազդի թելադրանքով, սկզբից շշմել էր զարմանքից, իսկ հետո գնացել նոր որս որոնելու։ Բարձրացա մինչև փոսի բերանը և նայեցի չորս կողմս։ Աստղերը մարեցին, երկինքն սկսեց գունատվել, և լուսադեմի մեղմ հովը հաճելի զովությամբ փչեց դեմքիս։ Իմ թշնամին ոչ մի կերպ ցույց չէր տալիս իր ներկայությունը։ Դանդաղ դուրս եկա փոսից և նստեցի հողին, պատրաստվելով ամենաչնչին տագնապի դեպքում իսկ ցատկել իմ ապաստարանը։ Ապա մի փոքր սրտապնդված շուրջս թագավորող լռությամբ և լույսի բացվելով, հանգստացա և գաղտագողի ետ դարձա նույն կածանով։ Մի քանի րոպեից հետո տեսա իմ հրացանը, վերցրի այն, դուրս եկա առվակի մոտ, որն իմ ուղեցույցն էր, և արագ քայլեցի դեպի ճամբար՝ ստեպ֊ստեպ շուռ գալով և վախեցած հայացքներ նետելով այս ու այն կողմ։
Եվ հանկարծ քամին ինձ հիշեցրեց ընկերներիս գոյությունը։ Խաղաղ առավոտվա լռությունը խզվեց հրացանի հեռավոր կրակոցի ձայնից։ Կանգ առա ու ականջ դրի՝ ամեն ինչ հանգիստ էր։ «Արդյոք բան չի՞ պատահել նրանց», ― անցավ մտքովս։ Բայց իսկույն էլ հանգստացա՝ գտնելով այդ կրակոցի ավելի պարզ ու բնական բացատրությունը։ Սկսեց լուսանալ։ Իհարկե, իմ բացակայությունն արդեն նկատած կլինեն։ Հավանորեն, ընկերներս մտածել են, թե մոլորվել եմ անտառում, և ահա կրակում են, որպեսզի օգնեն ինձ ճամբար հասնելու։ Ճիշտ է, կրակելը մեզ մոտ արգելված էր, բայց եթե նրանք մտածել են, որ ինձ վտանգ է սպառնում, հազիվ թե այդ բանը նրանց ետ պահեր։ Հարկավոր է որքան կարելի է շուտ ճամբար վերադառնալ և տագնապը հանդարտեցնել։
Գիշերվա ընթացքում խիստ տանջվել էի ու հոգնել, այնպես որ ինչքան էլ ուզեի, չէի կարող արագ քայլել։ Բայց ահա վերջապես սկսվեցին ծանոթ վայրերը։ Ձախ կողմում պտերոդակտիլների ճահիճն էր, իսկ շուտով կգար իգուանադոնների բացատը։ Այժմ անտառի մի բարակ շերտ էր միայն բաժանում ինձ Չելենջերի ամրոցից։ Ես ուրախ ձայն տվի՝ շտապելով հանգստացնել ընկերներիս։ Պատասխան չեղավ։ Չորս կողմը չարագույժ լռություն էր տիրում։ Սիրտս ճմլվեց։ Քայլերս արագացրի։ Հետո սկսեցի վազել։ Ահա և ցանկապատը՝ նա անվնաս է, մուտքի մոտ անցկալ չկա։ Թափով ներս ընկա, վաղ առավոտի լույսի տակ մի զարհուրելի տեսարան բացվեց աչքերիս առաջ։ Մեր իրերը ցաքուցրիվ թափված էին բացատում․ ուղեկիցներս ոչ մի տեղ չկային, իսկ մարող խարույկի մոտ, խոտերի վրա, կարմրին էր տալիս մի մեծ արյան լիճ։
Այնպես ցնցված էի այդ անակնկալից, որ մի պահ կորցրի մտածելու ունակությունս։ Հիշում եմ միայն, ինչպես ծանր մղձավանջ, թե ոնց էի անտառով դեսուդեն վազվզում ամայի ճամբարի շուրջը, ինչպես էի հուսահատորեն ձայն տալիս ընկերներիս։ Բայց անտառի թավուտը լուռ էր։ Սարսափելի մտքերը խելքամաղ էին անում ինձ։ Իսկ եթե այլևս նրանց չտեսնե՞մ։ Իսկ եթե մենակ մնամ այս ահավոր վայրո՞ւմ և այլևս երբեք չկարողանամ աշխարհ վերադառնա՞լ։ Իսկ եթե ճակատագիրն ինձ դատապարտի այստեղ ապրելու և մեռնելո՞ւ․․․ Ուզում էի մազերս պոկոտել ու հուսահատությունից գլուխս զարկել գետնին։ Միայն այժմ հասկացա, թե ինչպիսի հենարան էին ինձ համար ընկերներս՝ և՛ Չելենջերն իր անխռով ինքնավստահությամբ, և՛ լորդ Ռոքստոնը՝ սառնարյուն, տիրական, հումորի զգացումը երբեք չկորցնող։ Առանց նրանց ես նման էի թույլ, անօգնական երեխայի, որին թողել են մենակ խավարում։ Ո՞ւր գնամ, ինչի՞ց սկսեմ։
Բայց ահա կամաց֊կամաց ուշքի եկա և սկսեցի մտածել, թե ի՞նչ չար ճակատագիր է վիճակվել իմ ուղեկիցներին։ Ճամբարում տեղի ունեցած ավերմունքը վկայում էր, որ նրանք, հավանորեն, հարձակման էին ենթարկվել հենց այն պահին, երբ ես կրակոցը լսեցի, նշանակում է ամեն ինչ վերջացել էր վայրկյենապես։ Հրացաններն ընկած էին գետնին, իսկ նրանցից մեկի փակաղակին, որը լորդ Ռոքստոնինն էր, երևում էր մի դատարկ պարկուճ։ Դատելով Չելենջերի և Սամերլիի՝ խարույկի մոտ ընկած վերմակներից, փորձանքը վրա էր հասել նրանց քնի ժամանակ։ Փամփուշտների և սննդամթերքի արկղերը թափթփված էին բացատով մեկ․ հենց այդտեղ էլ նկատեցի մեր լուսանկարչական ապարատներն ու թիթեղատուփերը։ Այդ բոլորը մնացել էր անվնաս, մինչդեռ արկղերից հանած ահագին սննդամթերքը չքացել էր։ Հետևաբար, հարձակումը ճամբարի վրա կատարել էին ոչ թե մարդիկ, այլ գազանները, հակառակ դեպքում հավանորեն ոչինչ չէր մնա։
Բայց եթե իրոք գազաններ են եղել կամ մի որևէ հրեշ, ապա ի՞նչ է պատահել իմ ուղեկիցներին։ Գիշատիչները, իհարկե, կպատառոտեին նրանց, բայց որտե՞ղ են մնացորդները։ Ճիշտ է, արյան գուբը բավական պերճախոս վկայում էր կատարվածի մասին, իսկ գիշերն ինձ հետապնդող դինոզավրը կարող էր զոհին այնպիսի հեշտությամբ տանել, ինչպես կատուն մկանը։ Այդ դեպքում մնացած երկուսը, հավանորեն, ընկել էին նրա ետևից։ Բայց ինչո՞ւ նրանք հրացան չեն վերցրել հետները։ Հոգնած, տանջահար ուղեղս հրաժարվում էր այդ հանելուկը լուծել։ Փնտրումներս անտառում նույնպես ոչ մի արդյունք չտվին։ Ես մոլորվեցի և միայն բախտավոր պատահականությամբ նորից դուրս եկա ճամբար՝ մոտ մի ժամ կորցնելով դրա վրա։
Այդ ժամանակ գլխումս մի միտք ծագեց, որոնց մեջ որոշ մխիթարական բան կար։ Այնուամենայնիվ, ես այստեղ բոլորովին մենակ չեմ։ Քարափի ստորոտին մնացել է հավատարիմ Սամբոն։ Նա կլսի իմ ձայնը։ Մոտեցա զառիթափին և նայեցի ներքև։ Դե իհարկե, ահա նա նստած է խարույկի մոտ, վերմակի վրա։ Բայց այնտեղ մի ուրիշ մարդ էլ կա։ Ո՞վ է դա։ Սիրտս դողաց ուրախությունից։ Միգուցե ընկերներիցս որևէ մե՞կն է ներքև իջնելու հնարը գտել։ Բայց բավական էր մի փոքր ավելի ուշադիր նայեի, և հույսս մարեց։ Սամբոյի մոտ նստած մարդու դեմքը ծագող արևի շողերի տակ կարմրին էր տալիս։ Դա հնդկացի էր։ Բարձր գոռացի՝ թափահարելով թաշկինակս։ Սամբոն գլուխը վեր բարձրացրեց, ի պատասխան թափահարեց ձեռքը և վազեց դեպի ժայռը։ Չանցած մի քանի րոպե նա արդեն կանգնած էր ժայռի կատարին, բոլորովին մոտիկ և կսկծալի լռության մեջ լսում էր իմ պատմությունը։
― Չարքը նրանց տարավ, միստր Մելոուն, ― ասաց Սամբոն։ ― Դուք եկել եք չարքի երկիր, և նա ձեզ բոլոր տանի իր մոտ։ Լսեք՝ Սամբո ինչ ասի, սըր, շուտ ցած իջեք, թե չէ փորձանք գա ձեր գլուխ։
― Ինչպե՞ս իջնեմ, Սամբո։
― Միստր Մելոուն, կտրեք ծառերից լիանաներ, գցեց էստեղ։ Ես ծայրը կապեմ կոճղին, դառնա կամուրջ։
― Մենք էլ ենք այդ մասին մտածել։ Բայց լիանաները մեր ծանրությանը չեն դիմանա։
― Ուղարկեք պարան բերի, միստր Մելոուն։
― Ո՞ւմ ուղարկեմ և որտեղ։
― Ուղարկեք հնդկացիների ավան, սըր։ Էնտեղ կաշվից շատ պարան կա, նրան ուղարկեք։
― Նա որտեղի՞ց լույս ընկավ։
― Էդ մեր հնդկացի։ Նրա ձեռից ամեն ինչ խլել, իրեն ծեծել։ Նա ետ եկել։ Հիմի նա վերցնի նամակ, պարան բերի՝ ամեն բան անի։
Նամակ կվերցնի․․․ Այդ հո լա՜վ միտք է։ Միգուցե որևէ մեկը օգնությա՞ն գա մեզ։ Բայց եթե նույնիսկ մեզ չփրկեն, գոնե այն հայտնագործությունները, որոնցով մենք հարստացրինք գիտությունը, կհասնեն մեր բարեկամներին, և աշխարհը կիմանա, որ մենք անտեղի չմեռանք։ Երկու նամակ արդեն պատրաստ ունեի։ Այսօրվա ընթացքում կգրեմ երրորդը, որի մեջ դեպքերի ընթացքը կհասցվի մինչև վերջին րոպեն։ Հնդկացին իմ նամակները կհասցնի այնտեղ, աշխարհ։
Պատվիրեցի Սամբոյին երեկոյան դեմ մի անգամ ևս բարձրանալ ժայռի վրա, և այդ ամբողջ հուսահատ օրը նվիրեցի նախորդ գիշեր գլխովս անցած արկածների նկարագրությանը։ Նամակներին կցեցի նաև մի կարճ գրություն, որը հնդկացին պետք է հասցնի առաջին պատահած սպիտակամորթին՝ լինի դա առևտրական, թե որևէ նավի կապիտան։ Գրության մեջ ասված էր, որ մեր կյանքը կախված է նրանից՝ ճոպաններ կուղարկե՞ն մեզ, թե ոչ։ Երեկոյան բոլոր նամակներն ու քսակս՝ երեք ֆունտ ստեռլինգով փոխանցեցի Սամբոյին։ Փողը հնդկացու համար էր, իսկ ճոպանների դիմաց կրկնակի գումար էի խոստացել նրան։
Այժմ դուք կհասկանաք, թանկագին միստր Մակ֊Արդլ, թե իմ նամակներն ինչպես հասան ձեզ, և կիմանաք ամբողջ ճշմարտությունը ձեր ձախորդ թղթակցի մասին, եթե այն այլևս ոչ մի տող էլ գրելու չլինի։ Հիմա ես այնքան տանջված եմ ու ընկճված, որ հազիվ թե որևէ ծրագիր կազմեմ։ Վաղը կմտածեմ ապագայի մասին և, ճամբարի հետ կապս չխզելով, կսկսեմ դժբախտ ընկերներիս որոնել։
Գլուխ XIII «Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը»
Այդ տխուր օրը, արևի մայրամուտի ժամանակ, ներքևում տեսա հեռացող հնդկացուն՝ փրկության մեր վերջին հույսը, և հայացքով այնքան ուղեկցեցի նրա միայնակ, պստլիկ կերպարանքը, մինչև որ նա թաղվեց երեկոյան վարդագույն մշուշում, որը դանդաղորեն բարձրանում էր իմ և հեռավոր Ամազոնի միջև։
Արդեն բոլորովին մութն էր, երբ քարշ եկա դեպի մեր ավերված ճամբարը՝ մի վերջին հայացք ևս գցելով Սամբոյի խարույկի վրա՝ լույսի այդ միակ ճառագայթի, որ հասնում էր ինձ հսկայական աշխարհից և հայացքս շոյում այնպես, ինչպես հավատարիմ նեգրի ներկայությունը շոյում էր իմ մթագնաց հոգին։ Բայց առայժմ, առաջին անգամ գլխիս եկած փորձանքից հետո, մի քիչ սրտապնդվեցի, մխիթարելով ինձ այն մտքով, որ աշխարհը կիմանա մեր գործերի մասին և հիշողության մեջ կպահի մեր անունները՝ ընդմիշտ կապելով դա այն հայտնագործումների հետ, որոնք ձեռք կբերվեն, հավանորեն, մեր կյանքի գնով։
Սարսափելի էր այդ չարաբաստիկ ճամբարում գիշերելը, իսկ ջունգլիներն ավելի էին վախեցնում ինձ։ Սակայն անհրաժեշտ էր ընտրություն կատարել մեկի և մյուսի միջև։ Խոհեմությունը պահանջում էր, որ արթուն լինեմ, բայց հոգնատանջ մարմինս դժվարությամբ էր կռվում քնի դեմ։ Բարձրանալով գինգհո ծառի վրա, իզուր էի նրա ներքևի ճյուղերին այնպիսի մի տեղ փնտրում, ուր կարելի լիներ քնել, առանց անխուսափելի անկումից վիզս ջարդելու վտանգի։
Ստիպված էի իջնել ու որոշել, թե հիմա ինչ անեմ։ Երկար մտածելուց հետո ճամբարի մուտքը ծածկեցի թփերով, եռանկյունաձև երեք խարույկ վառեցի, կուշտ ընթրեցի և խոր քուն մտա, որը լուսադեմին ընդհատվեց ամենաանակնկալ ու հաճելի ձևով։
Վաղ առավոտյան ինչ֊որ մեկի ձեռքն իջավ ուսիս։ Դողահար վեր թռա, խլեցի հրացանը և հանկարծ ուրախ ճչացի՝ ճանաչելով լորդ Ջոնին, որը լուսադեմի դժգույն կիսախավարում խոնարհվել էր ինձ վրա։
Այո, այդ նա էր, բայց ինչպիսի փոփոխություն էր կատարվել նրա մեջ։ Վերջին անգամ լորդ Ջոնին տեսել էի հանգիստ, զուսպ, մաքուր սպիտակ կոստյումով։ Այժմ նա կանգնել էր իմ առաջ գունատ, աչքերը վայրի կերպով հածում էին չորս կողմ, կուրծքը ուռչում էր ծանրությամբ, ինչպես երկար, սրընթաց վազքից հետո, գլուխը բաց էր, նիհար դեմքը ճանկռոտված ու արյունաթաթախ, կոստյումը՝ ծվեն֊ծվեն։ Նայում էի նրան, ապշած այդ տեսարանից, բայց նա թույլ չտվեց նույնիսկ բերան բանալ և սկսեց բացատում ցրված իրերը հավաքել, կարճ, կցկտուր խոսքեր նետելով։
― Շուտ, երիտասարդ, շուտ։ Ամեն րոպեն թանկ է։ Վերցրեք հրացանը՝ երկուսն էլ։ Մնացածները ինձ մոտ են։ Փամփուշտ որքան կարելի է շատ։ Գրպաններդ լցրեք։ Այժմ՝ ուտելիք։ Վեց տուփ հերիք է։ Այսպես։ Ոչ մի բան մի՛ հարցրեք, դատողություններ մի՛ արեք։ Դե, վազենք, թե չէ ուշ կլինի։
Դեռևս ինչպես հարկն է չարթնացած, առանց հասկանալու, թե այդ բոլորը ի՞նչ է նշանակում, սլացա անտառով լորդ Ջոնի ետևից, երկու հրացանները թևերիս տակ և պահածոների վեց տուփերը ձեռքիս։ Նա ընտրում էր ամենախիտ, դժվարանցելի մացառուտները։ Վերջապես դուրս բերեց ինձ բարձր թփերի մոտ։ Մենք նետվեցինք նրանց մեջ՝ առանց փշերի վրա ուշադրություն դարձնելու։ Լորդ Ջոնը բերանքսիվայր ընկավ գետնին և ինձ քարշ տվեց իր ետևից։
― Դե, ահա, ― հազիվհազ խոսեց նա։ ― Կարծես մենք հիմա ապահով ենք։ Նրանք կհարձակվեն ճամբարի վրա, դա հաստատա է, և կսխալվեն իրենց հաշիվներում։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրի ես շունչս ետ բերելով։ ― Ո՞ւր են պրոֆեսորները։ Ո՞վ է հետապնդում մեզ։
― Մարդակապիկները, ― շշնջաց լորդ Ջոնը։ ― Տե՛ր աստված, այդ ի՜նչ հրեշներ են։ Կամաց խոսենք։ Նրանք սուր լսողություն ունեն, տեսողությունը նույնպես զարմանալի է, դրա փոխարեն, որքան կարողացա նկատել, ամենաչնչին հոտառություն իսկ չունեն։ Հետքերով նրանք մեզ չեն գտնի։ Ո՞ւր էիք կորել, երիտասարդ։ Ձեր բախտը բերեց, շնորհակալ եղեք ճակատագրին, որ չընկաք այդ տուրուդմփոցի մեջ։
Ես շշուկով պատմեցի նրան իմ արկածների մասին։
― Այո, մեր գործերը վատ են, ― ասաց լորդ Ջոնը՝ լսելով դինոզավրի ու ծուղակի մասին։ ― Սա ձեզ համար առողջարան չէ։ Բայց և այնպես այստեղի հրաշալիքների մասին լրիվ պատկերացում ստացա այն րոպեին, երբ այդ դևերը հարձակվեցին մեզ վրա։ Ես մի անգամ եղել եմ մարդակեր պապուասների ձեռքում, բայց նրանք իսկական հրեշտակներ են այս հրեշների համեմատությամբ։
― Պատմեք, թե ինչպես եղավ, ― խնդրեցի ես։
― Դա պատահեց լուսադեմին։ Մեր գիտնական բարեկամները նոր էին աչքները բացել և նույնիսկ դեռ չէին կպել իրար։ Եվ հանկարծ չգիտես որտեղից հայտնվեցին կապիկները։ Պարզապես թափվեցին մեր գլխին, ինչպես խնձորները ծառից։ Նրանք, հավանորեն, դեռ մթով չորս կողմից ծեփվել էին այն բարձր ծառին, որի վրա դուք բարձրացաք։ Մեկին տեղն ու տեղը գնդակահարեցի։ Սակայն բանը դրանով էլ վերջացավ՝ մի ակնթարթում մեզ մեջքի վրա գցեցին։ Ես այդ դևերին կապիկ եմ անվանում, բայց նրանք թափահարում էին փայտերը, քարեր շպրտում մեզ վրա, իրենց լեզվով բլբլացնում իրար հետ և, ի լրումն այս ամենին, լիանաներով կապոտեցին ձեռքներս։ Սրանք մարդակապիկներ էին, իրենց զարգացմամբ ավելի բարձր կանգնած այն բոլոր գազաններից, որոնց պատահել եմ իմ թափառումների ժամանակ, իսկ ես, փառք աստծո, շատ եմ չափչփել լույս աշծարհը։ Ինչպես ասում են՝ «պակասող օղակ»։ Դե, պակասում է, սատանան իր հետ, առանց դրան էլ յոլա կգնայինք։ Իսկ հետո այսպես եղավ։ Նրանք վերցրին իրենց վիրավոր ցեղակցին, որի վերքից արյունը դուրս էր հորդում, ինչպես մորթած խոզից, և տարան ինչ֊որ տեղ, իսկ հետո օղակաձև նստեցին մեր շուրջը։ Մռութները կատաղի էին, ասես թե ահա՛, ահա՛ կպատառոտեն քեզ։ Հասակով, թերևս, մարդու չափ լինեին, բայց շատ ավելի լայն էին, թիկնեղ։ Նստել ու նայում էին, նայում էին մեզ․․․ Հոնքերը կարմրաշեկ էին, կախ ընկած, աչքերն ինչ֊որ տարօրինակ, ասես պղտոր ապակուց։ Նույնիսկ Չելենջերը, որ բոլորովին վախկոտ չէ, իրեն մի տեսակ վատ զգաց։ Այլևս չդիմանալով՝ նա վեր թռավ տեղից և բղավեց․ «Վերջ տվեք մեզ, հերիք է քաշքշեք»։ Ըստ երևույթին այդ ամենից նրա միտքը շաղվել էր՝ մի տեսակ շատ էր մոլեգնում։ Կապիկների փոխարեն եթե նրա առաջ իր երդվյալ թշնամիները՝ ռեպորտյորները լինեին, դարձյալ ավելի քիչ կտուժեին։
― Դե, իսկ կապիկները ինչպե՞ս։
Ես ագահությամբ ականջ էի դնում լորդ Ջոնին, որը շշուկով պատմում էր այդ ապշեցուցիչ դեպքերի մասին՝ միաժամանակ նայելով չորս կողմը՝ առանց ձեռքը վերցնելու հրացանից, որի հրահանը ձգած էր։
― Ես մտածում էի, թե վերջներս եկել է։ Բայց բոլորովին էլ այդպես չէ։ Կապիկները բլբլացրին, ճղավեցին։ Հետո մեկը մոտեցավ Չելենջերին և կանգնեց նրա մոտ։ Հիմա դուք կծիծաղեք, երիտասարդ, բայց որքա՜ն նման էին նրանք իրար՝ ոնց որ մոտիկ ազգականներ։ Ես ինքս էլ չէի հավատա, բայց աչքերս սուտ չեն ասում։ Այդ ծերուկ մարդակապիկը, ըստ երևույթին ցեղի առաջնորդը, Չելենջերի ճշգրիտ պատճենն էր, միայն թե կարմրաշեկ պատճենը։ Իսկ մեր բարեկամի մնացած բոլոր հմայիչ նշանները առկա էին, ճիշտ է, մի փոքր չափազանցված ձևով։ Քառկուսի իրան, լայն ուսեր, դուրս ընկած կուրծ, պարանոցի լիակատար բացակայություն, երկար կարմրաշեկ մորուք, փրչոտ հոնքեր և նույնպիսի ամբարտավան տեսք, իբրև թե, բոլորդ էլ կորե՛ք գրողի ծոցը։ Մի խոսքով, լրիվ նմանություն։ Երբ այդ հրեշը կանգնեց Չելենջերի կողքին և թաթը դրեց նրա ուսին, ցնցող տպավորություն թողեց։ Սամերլին, որ մի փոքր հիստերիկ տրամադրության մեջ էր, նայելով նրանց, քրքջաց արտասվելու աստիճան։ Սկզբում կապիկներն էլ ծիծաղեցին, եթե այդպիսի կչկչոցը կարելի է ծիծաղ համարել, իսկ հետո բռնեցին մեզ ու քարշ տվին անտառ։ Իրերին ու հրացաններին ձեռք չտվին, ինչպես երևում է վախենում էին, բայց ահա արկղերից հանած ողջ սննդամթերքը վերցրին հետները։ Ճամփին ինձ ու Սամերլիին լա՜վ տուր տվին՝ հիացեք իմ կերպարանքին ու այս ցնցոտիներին նայելով։ Նրանք մեզ քարշ էին տալիս մացառուտների միջով, իսկ իրենց հեչ վեջն էլ չէր․ նրանց կաշին դաբաղած է։ Չելենջերն էլ բոլորովին չտուժեց։ Չորս կապիկ բարձրացրին նրան իրենց ուսին և տարան, ինչպես հռոմեական հաղթահերոսի։ Ս֊ս՜․․․ Այս ի՞նչ է։
Ինչ֊որ հեռվից մեզ հասավ մի տարօրինակ ճթճոց, որը հիշեցնում էր կաստանիետների մանրիկ կոտորակ։
― Նրա՛նք են, ― շշնջաց ընկերս՝ փամփուշտներ դնելով «Էքսպրեսի» երկրորդ փողի պահեստատուփի մեջ։ ― Երկու հրացանն էլ լցրեք, երիտասարդ, կենդանի անձնատուր չենք լինի, դրա մասին չմտածեք։ Լսո՞ւմ եք, ինչպես են ճվաղում։ Ուրեմն, ինչ֊որ բանից հուզված են։ Սպասե՛ք, աղավնյակներս, փորձեցեք միայն այստեղ խցկվել։
― Նրանք ինչ֊որ շատ հեռու են։
― Այդ ոհմակը այստեղ չի հասնի, բայց հավանորեն նրանց հետախույզները չափչփում են ամբողջ անտառը։ Դե լավ, դառնանք իմ տխուր պատմությանը։ Այսպես, ահա, այդ դևերը մեզ քարշ տվին քարափի մոտ գտնվող մի մեծ պուրակ։ Նրանք այնտեղ ծառերի վրա մի իսկական քաղաք ունեն՝ ճյուղերից ու տերևներից պատրաստված մոտ հազար խրճիթ։ Դա այստեղից երեք֊չորս մղոնի վրա է։ Նողկալի՝ արարածներ։ Ինձ թվում է, որ նրանց հետ շփվելուց հետո, այլևս երբեք չեմ մաքրվի։ Նրանք իրենց կեղտոտ թաթերով շոշափեցին ամբողջ մարմինս։ Պուրակում մեր ոտ ու ձեռքերը կապոտեցին։ Ես ընկա մի այնպիսի ճարպիկի ձեռք, որը հիանալի ծովային հանգույցներ կկապեր, ոնց որ իսկական բոցման։ Այսպես ահա, մեզ կապոտեցին ու պառկեցրին ծառի տակ՝ պահակ նշանակելով մահակով զինված մի հաղթանդամ կապիկի։ Ես շարունակ ասում եմ «մեզ» հա «մեզ», բայց դա վերաբերում է միայն ինձ ու Սամերլիին։ Ինչ վերաբերում է Չելենջերին, ապա նա նստել էր ծառի վրա, ուտում էր ինչ֊որ մրգեր և կյանք քաշում։ Ասենք, նա մեզ էլ որոշ բաներ բաժին հանեց, իսկ որ գլխավորն է, աննկատելիորեն թուլացրեց մեր կապանքները։ Դուք հավանորեն չկարողանայիք ծիծղներդ պահել, տեսնելով, թե ինչպես էր մեր պրոֆեսորը բազմել ծառի վրա, համարյա գրկախառնված իր երկվորյակի հետ, և թավ բասով երգում էր «Օ՛, զրնգուն ցանգակ»։ Այո, դուք կծիծաղեք, իսկ մենք ծիծաղելու տրամադրություն չունեինք։ Չելենջերին թույլատրված էր անել, ինչ կամենա, հասկանալի է՝ որոշ սահմաններում, բայց մեր նկատմամբ խիստ ռեժիմ էր սահմանված։ Միակ բանը, որ մեզ մխիթարում էր, դա այն էր, որ դուք ազատ եք և կպահպանեք մեր բոլոր գրառումներն ու նյութերը։
Իսկ այժմ, սիրելի երիտասարդ, լսեք ու զարմացեք։ Դուք պնդում եք, թե դատելով որոշ նշաններից, ― խարույկներ, ծուղակներ և այլն, ― սարահարթում մարդիկ կան։ Իսկ մենք տեսանք այդ մարդկանց։ Եվ պետք է ասել, որ այդ խեղճերը խիստ տխուր պատկեր են ներկայացնում իրենցից։ Թշվառ, ահաբեկված մի ժողովուրդ։ Ասենք, դա զարմանալի էլ չէ։ Ըստ երևույթին, մարդկային ցեղը գրավում է սարահարթի այն մասը որտեղ քարայրներն են, իսկ կապկային ցեղը՝ մյուս մասը, և երկու ցեղերի միջև կյանքի ու մահու կռիվ է գնում։ Ահա թե գործերն այստեղ ինչպես են, եթե ինձ հաջողվեց ճիշտ գլուխ հանել դրանցից։
Երեք մարդակապիկներ տասներկու բնիկ էին գերել և քարշ տվել իրենց քաղաքը։ Դա ուղեկցվում էր այնպիսի աղմուկ֊աղաղակով, որ պարզապես ականջներիս չէի հավատում։ Բնիկները բոլորովին կարճահասակ կարմրամորթներ են։ Ճամփին այդ գազանները ճանկերով ու ատամներով այնպես էին քրքրել նրանց, որ խեղճերը հազիվ էին ոտքները շարժում։ Երկուսին տենուտեղը վերջ տվին, ըստ որում մեկի ձեռքը քիչ մնաց պոկեին։ Ընդհանրապես տեսարանը նողկալի էր։ Այդ դժբախտները շատ լավ պահեցին իրենց, նույնիսկ ծպտուն չհանեցին, իսկ մենք պարզապես չէինք կարողանում նայել նրանց։ Սամերլին ուշաթափվեց։ Նույնիսկ Չելենջերը հազիվհազ էր դիմանում․․․ Դե, կարծես հեռացան։
Երկար ականջ էինք դնում անտառի խոր լռությանը, բայց ոչինչ չէր խանգարում այն, բացի թռչունների ծլվլոցից։ Լորդ Ջոնը կրկին իր պատմությանը վերադարձավ։
― Ձեր բախտը շատ լավ բանեց, երիտասարդ։ Կապիկներն այնքան տարվեցին բնիկներով, որ մեզ մոռացան։ Բայց եթե դա չլիներ, անխուսափելի էր ճամբարի վրա երկրորդ հարձակումը։ Դուք բոլորովին իրավացի դուրս եկաք․ նրանք ամբողջ ժամանակ ծառի վրայից հետևում էին մեզ և շատ լավ հասկացան, որ մի հոգի պակասում է։ Բայց հետո արդեն նրանք ձեզ մոռացան։ Ահա ինչու ձեր արթնանալով դուք պարտական եք ինձ և ոչ թե կապիկների ոհմակին։ Աստված իմ, ինչե՜ր քաշեցինք հետո։ Դա ինչ֊որ մղձավանջ է։ Հիշո՞ւմ եք բամբուկի մացառուտը, ուր մենք գտանք ամերիկացու կմախքը։ Ահա ուրեմն, դա ընկնում է ուղղակի կապկային քաղաքի տակ, և կապիկներն այդտեղից ցած են գլորում իրենց գերիներին։ Համոզված եմ, որ այնտեղ կմախքների սար է գոյացել, հարկավոր է միայն փնտրել ինչպես հարկն է։ Քարափի եզրին նրանք հրապարակ են պատրաստել այդպիսի արարողությունների համար։ Դժբախտ գերիներին հարկադրում են մեկ֊մեկ ցատկել անդունդը, և ամբողջ հետաքրքրությունն այն է՝ արդյոք նրանք կջախջախվե՞ն գետնին զարկվելով, թե կխրվեն բամբուկների վրա։ Կապիկների ամբողջ ցեղը շարժվեց զառիթափի եզրին, մեզ ևս քարշ տվին այդ տեսարանով հիանալու։ Առաջին հինգ հնդկացիները ցած թռան, և բամբուկն անցավ նրանց մարմնի միջով։ Ես այժմ չեմ զարմանում՝ հիշելով խեղճ յանկիի կմախքը։ Այո, զարհուրելի տեսարան էր․․․ բայց միաժամանակ հափշտակիչ։ Կախարդվածի նման հետևում էինք այդ թռիչքներին, չնայած ամեն մեկս մտածում էր՝ հիմա կհասնի իմ հերթը։
Սակայն դրան չհասավ։ Հինգ հնդկացիների պահեցին այսօրվա համար, բայց բենեֆիցիարներ լինելու ենք մենք՝ Սամերլին և ես։ Չելենջերը, հավանորեն, դուրս պրծնի։ Կապիկներին հասկանալն այնքան էլ դժվար չէ, որովհետև նրանք նշաններով են բացատրվում։ Եվ ահա, հետևելով նրանց բանակցություններին, ես որոշեցի, որ գործելու ժամն է։ Արդեն որոշ պլաններ ունեի։ Բայց ստիպված էի հույսս դնել միայն իմ ուժերի վրա՝ Սամերլիից ոչ մի օգուտ, իսկ Չելենջերը նրանից քիչ բանով էր լավ։ Նրանց հաջողվեց մի քանի րոպեով մետենալ իրար, և տեղնուտեղը կատաղի վեճ ծագեց այդ կարմրաշեկ դևերի գիտական դասակարգման շուրջը, դևեր, որոնք մեզ պահում էին իրենց ձեռքում։ Մեկը պնդում էր, որ դրանք հավաննական դրիոպիտեկներ[38] են, մյուսը անվանում էր դրանց պիտեկանտրոպներ։[39] Երկուսն էլ պարզապես ցնդել էին։ Բայց ես բոլորովին ուրիշ բան էի մտածել։ Ամենից առաջ ուշադրություն դարձրի, որ հարթ տեղում այդ արարածները մարդուց ավելի վատ էին վազում, քանի որ նրանց ոտքերը կարճ էին, իսկ իրանը՝ ծանր։ Նույնիսկ Չելենջերը դաս կտար նրանց լավագույն վազողին, իսկ մենք նրանց համեմատությամբ իսկական չեմպիոններ ենք։ Հետո ևս մի կարևոր դիտողություն․ նրանք գաղափար չունեն հրազենի մասին։ Ըստ իս, նրանք նույնիսկ գլխի չընկան, թե ինչ պատահեց այն կապկին, որին ես վիրավորեցի։ Մի խոսքով, միայն թե հրացանները ձեռք գցեինք, իսկ հետո ցույց կտայինք դրանց։
Եվ ահա այսօր լուսադեմին ես մի ուժեղ աքացի տվի իմ ժամապահի փորին, սլացա դեպի ճամբար, վերցրի ձեզ, հրացանները․․․ մնացածը հայտնի է։
― Իսկ ի՞նչ կպատահի մեր պրոֆեսորներին, ― սարսափով բացականչեցի ես։
― Անհրաժեշտ է փրկել նրանց։ Նրանք ինձ հետ փախչել չէին կարող՝ Չելենջերը նստած էր ծառի վրա, իսկ Սամերլին ուժ չէր ունենա, ուստի որոշեցի, որ ամենից առաջ հարկավոր է հրացանները վերցնել, հետո արդեն փրկել մյուսներին։ Ճիշտ է, կապիկները կարող են ի հատուցումն սպանել նրանց։ Չելենջերին հազիվ թե ձեռք տան, բայց Սամերլիի համար չեմ երաշխավորում։ Ասենք, այսպես թե այնպես, նրան մահ էր սպառնում։ Դրանում ես միանգամայն համոզված եմ, այնպես որ իմ փախուստը չէր կարող նրա դրությունը վատացնել։ Բայց այժմ պատիվը պարտավորեցնում է մեզ կամ փրկել մեր ընկերներին, կամ բաժանել նրանց ճակատագիրը։ Ուստի, թանկագին երիտասարդ, մեղքներդ խոստովանեցեք, մաքրեք ձեր հոգին, որովհետև մինչև երեկո ձեր ճակատագիրը լուծված կլինի։
Չգիտեմ այստեղ ինձ հաջողվե՞ց տալ լորդ Ռոքստոնին բնորոշ արտահայտվելու եղանակը՝ կցկտուրություն, խոսքի կորով, տոնի ծիծաղկոտ անհոգություն։ Այդ մարդը ի ծնե առաջնորդ էր։ Որքան վտանգը մոտենում էր, այնքան նրա խոսքը ավելի գունեղ էր դառնում, այնքան ավելի պայծառ էին բոցավառվում նրա պաղ աչքերը, այնքան ավելի ու ավելի էին ցցվում Դոն֊Կիխոտի բեղերի նման երկար բեղերը։ Նա սիրում էր ռիսկ անել, հրճվել իսկական արկածներին հատուկ դրամատիկությամբ, առանձնապես երբ այդ վերաբերում էր իրեն, և գտնում էր, որ յուրաքանչյուր վրանգ իր մեջ յուրահատուկ սպորտային հետաքրքրություն ունի, քանի որ վտանգավոր րոպեներին մարդ դաժան խաղ է սկսում ճակատագրի հետ, որտեղ խաղչեքը իր կյանքն է։ Այս բոլորը լորդ Ջոնին դարձնում էր անփոխարինելի ընկեր, և եթե մեր բարեկամների համար ունեցած վախը չլիներ, ես բացի ուրախությունից ոչինչ չէի զգա՝ այդպիսի մարդու հետ վտանգավոր գործի գնալով։
Արդեն ուզում էինք դուրս գալ մեր ապաստարանից, երբ լորդ Ջոնը հանկարծ ձեռքս բռնեց․
― Տեսե՛ք, ― շշնջաց նա։ ― Գալի՛ս են։
Մեր տեղից երևում էր մի նեղ բացատ՝ ընկած ծառերի միջև, որոնց ճյուղերը միահյուսվում էին վերևում՝ կազմելով համատարած կանաչ կամար։ Այդ բացատում երևացին մի խումբ մարդակապիկներ։ Նրանցից շատերը զինված էին մահակներով։ Կռացած, ծուռտիկ ոտներով, նման մազածածկ, այլանդակ մարդկանց, նրանք չորս կողմ նայելով վազում էին իրար ետևից և շարունակ երկար ձեռքերը կպցնում գետնին։ Կռացածությունը կարճ էր ցույց տալիս նրանց, բայց ես աչքիս չափով որոշեցի, որ նրանք հինգ ոտնաչափից պակաս չեն լինի։ Մի րոպե շատ պարզ տեսա նրանց, ապա աչքիցս կորան թփերի ետևում։
― Ոչ, դեռ վաղ է, ― ասաց լորդ Ջոնը՝ հրացանը իջեցնելով։ ― Ավելի լավ է թաքնվել, մինչև որ նրանք դադարեն անտառը չափելուց։ Թող մի ժամ էլ փնտրեն, իսկ հետո կտեսնենք․․․ Միգուցե կկարողանանք թափանցել նրանց քաղաքը և հանկարծակիի բերել։
Օգտվելով այդ հետաձգումից՝ բաց արինք հետներս առած տուփերից մեկը և սկսեցինք նախաճաշել։ Լորդ Ռոքստոնը առավոտից ոչինչ չէր կերել, եթե չհաշվենք մի քանի պտուղներ, և այժմ ագահությամբ հարձակվեց ուտելիքի վրա։ Իսկ երբ նախաճաշը վերջացավ, ձեռքներումս մի֊մի հրացան բռնած, գրպաններս փամփուշտներով լի, շարժվեցինք մեր բարեկամներին փրկելու։ Նախքան մացառուտներից դուրս գալը՝ լորդ Ջոնը մի քանի քարթ արեց ծառերի վրա, որպեսզի հիշեր, թե Չելենջերի ամրոցը որ կողմն է ընկած և հարկ եղած դեպքում իսկույն գտներ այն։ Լուռ անցանք մացառուտի միջով և դուրս եկանք զառիթափի եզրը, մեր առաջին կայանից ոչ հեռու։ Այստեղ լորդ Ջոնը կանգ առավ և բացատրեց իր պլանները։
― Խիտ անտառում այդ գազաններն ինչ խաղ ասես կարող են խաղալ մեր գլխին, ― ասաց նա։ Նրանք մեզ կտեսնեն, իսկ մենք նրանց՝ ոչ։ Բայց արձակ տեղում ուրիշ բան, որովհետև մենք նրանցից արագ ենք վազում։ Հետևաբար, եկեք որքան հնարավոր է բաց տարածության վրա մնանք։ Սարահարթի փեշերի երկարությամբ անտառը նոսր է, հենց այնտեղից էլ սկսենք հարձակումը։ Եվ որ գլխավորն է, հիշեցեք՝ կենդանի անձնատուր չլինել, կրակեցեք մինչև վերջին փամփուշտը։ Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը, երիտասարդ։
Երբ հասանք զառիթափին, նայեցինք ներքև ու տեսանք մեր բարի նեգրին, որը, քարերի վրա նստած, ծխամորճ էր ծխում։ Ինչպե՜ս կուզեի ձայն տալ նրան և պատմել, թե ինչ էր պատահել մեզ։ Բայց դա վտանգավոր էր՝ մեզ կարող էին լսել։ Մարդակապիկները վխտում էին թավուտ անտառում, նրանց յուրատեսակ սուր ճիչերը մերթ ընդ մերթ ականջներիս էին հասնում։ Մենք նետվում էին թփերի մեջ ու պառկում, մինչև որ ճիչերը մարում էին հեռվում։ Դա շատ էր դանդաղեցնում մեր առաջխաղացումը․ երկու ժամ պահանջվեց կապիկների քաղաքը հասնելու համար։ Այժմ նա մոտիկ էր, ես այդ հասկացա այն զգուշությունից, որով քայլում էր լորդ Ջոնը։ Ահա նա ձեռքով արավ ինձ՝ հրամայելով պառկել, իսկ ինքը սողաց առաջ, բայց շուտով ետ դարձավ։ Նրա դեմքը հուզմունքից ցնցվում էր։
― Շո՛ւտ, ― շշնջաց նա, ― շո՛ւտ։ Միայն թե չուշանանք։ Ողջ մարմնով դողալով՝ ես սողացի նրա մոտ և թփերի ետևից նայեցի այն կողմ փռված բացատին։
Երբեք չեմ մոռանա այն տեսարանը, որն այնքան ֆանտաստիկ էր, այնքան անհավանական, որ չգիտեմ ինչպես նկարագրեմ, որպեսզի հավատաք։ Միգուցե այնուամենայնիվ մեզ հաջողվի կենդանի դուրս պրծնել այստեղից․ կանցնի մի քանի տարի․․․ ես առաջվա պես կնստեմ «Վայրենի» ակումբի հյուրասենյակում և պատուհանից կնայեմ Թեմզայի տխուր, իր իրականությամբ կասկած չհարուցող ափերին․․․ Այսպես ահա, ես ինքս կհավատա՞մ արդյոք այն ժամանակ, որ այդ բոլորոը կատարվել է իմ աչքի առաջ։ Արդյոք չի՞ թվա ինձ, որ ես տենդագին տեսիլները իրականության տեղ եմ դրել։ Ահա թե ինչո՛ւ եմ ուզում այդ բոլորը գրի առնել, քանի դեռ դեպքերը թարմ են հիշողությանս մեջ, քանի դեռ թեկուզ մեկ մարդ, ― նա, որը պառկած է կողքիս, թաց խոտերի վրա, ― կարող է հաստատել այստեղ գրված յուրաքանչյուր բառը։
Մեր առաջ փռված էր հարյուր յարդ լայնությամբ մի բացատ, ընդհուպ մինչև քարափը, թանձր խոտով ու ցածրիկ պտերով ծածկված։ Բացատը կիսաօղակաձև շրջապատել էին ծառերը, որոնց վրա հարկ֊հարկ շարված էին ճյուղերից ու տերևներից գործված բազմաթիվ տնակներ։ Պատկերացրեք սերմնագռավանոց, որտեղ բների փոխարեն՝ տնակներ են, և կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում։ Նրանց մուտքերի մոտ և մոտակա ճյուղերին կապիկներ էին նստած, դատելով փոքրությունից՝ էգեր և կապկացեղի ձագեր։ Բոլորը հետաքրքրությամբ հետևում էին նրան, ինչ֊որ կատարվում էր ներքևում և որից մենք էլ չէինք կարողանում աչքներս հեռացնել։
Սարահարթի եզրից ոչ հեռու մի բաց տեղում շարվել էին մի քանի հարյուր փրչոտ, կարմրաշեկ մարդակապիկներ։ Նրանցից մի քանիսն ունեին վիթխարի հասակ, մյուսներն ավելի պակաս էին, բայց բոլորն էլ իմ մեջ գարշանք էին առաջացնում։ Կապիկները կանգնել էին խիտ շարքերով, ըստ երևույթին ենթարկվելով կարգապահության։ Նրանց առաջ կանգնած էին մի քանի ցածրահասակ, բայց համաչափ կազմվածքով հնդկացիներ, որոնց մաշկը արևի վառ շողերի տակ փայլում էր բրոնզի պես։ Այդ փոքրիկ խմբից առանձնանում էր մի բարձրահասակ, սպիտակ մարդու նիհար կերպարանք։ Ցած խոնարհած գլուխը, կրծքին խաչած ձեռքերը՝ ամեն ինչ արտահայտում էր սարսափ և հնազանդություն ճակատագրին։ Մենք առանց դժվարության ճանաչեցինք պրոֆեսոր Սամերլիին։
Մի քանի կապիկներ հերթապահում էին դժբախտ գերիների մոտ և արթուն կերպով հետևում նրանց՝ պատրաստ փախուստի ամեն մի փորձ խափանելու։ Նրանցից աջ, քարափի եզրին, մեկուսի կանգնած էին ևս երկու հոգի, այնքան անհեթեթ, ― այլ հանգամանքներում նրանց կարելի էր նույնիսկ կոմիկական անվանել, ― որ ես հայացքս բևեռեցի նրանց վրա։ Դրանցից մեկը մեր ընկերն էր՝ պրոֆեսոր Չելենջերը։ Նրա բաճկոնակից ողորմելի ծվեններ էին մնացել, շապիկն անհետ չքացել էր, մորուքը խառնվել էր հզոր կրծքի թանձր մազերին, իսկ մազերը, որոնք խիստ երկարել էին մեր թափառումների ժամանակ, սև բաշի պես ծածանվում էին քամուց։ Մի օրը բավական էր եղել, որպեսզի ժամանակակից քաղաքակրթության այդ բարձրագույն արգասիքը վերածվեր Հարավային Ամերիկայի վերջին վայրենուն։
Չելենջերի կողքին կանգնած էր նրա տիրակալը՝ մարդակապիկների ցեղի արքայիկը։ Լորդ Ջոնը չէր չափազանցնում․ դա մեր պրոֆեսորի ճիշտ պատճենն էր, միայն թե կարմրաշեկ մազերով։ Նույն կարճ հասակը, նույն մասսիվ ուսերն ու երկար ձեռքերը, նույն թավ մորուքը, որ իջնում էր մինչև մազոտ կուրծքը։ Տարբերությունը երևում էր միայն հետևյալում․ մարդակապկի նեղ, տափակավուն ճակատը եվրոպացու հոյակապ գանգի լրիվ հակապատկերն էր։ Ինչ վերաբերում էր մնացած բոլորին, ապա կապկային արքայիկը պրոֆեսորի հիանալի ծաղրանկարն էր։
Թղթի վրա այս նկարագրությունը չափազանց շատ տեղ է գրավում, բայց այն ժամանակ ես այդ ամենը ընդգրկեցի մի ակնթարթում և իսկույն էլ վերացա դրանից՝ կլանված մեր առջև կատարվող դրամայով։ Երկու մարդակապիկ բռնեցին մի հնդկացու և քարշ տվին քարափի եզրը։ Արքայիկը ձեռքով արավ։ Հրեշները մարդու ձեռքից ու ոտներից բռնած բարձրացրին և, դժբախտը օդում մի աղեղ գծեց, նախքան քարի պես ցած սլանալը։ Բացի պահակներից կապիկների ողջ ամբոխը նետվեց դեպի քարափ, քարացավ մի պահ լարված լռության մեջ և հանկարծ ցնծագին աղաղակներ արձակեց։ Նրանք ցատկոտում էին դիվահարների պես, թափահարում երկար, մազոտ ձեևքերը և հիացմունքից ոռնում։ Հետո արագ ետ քաշվեցին քարափից և նորից շարքեր կազմեցին՝ սպասելով հաջորդ զոհին։
Այս անգամ հերթը հասավ Սամերլիին։ Երկու պահակները բռնեցին նրա ձեռքերից և կոպտությամբ առաջ հրեցին։ Նա թպրտում էր ու զարկվում, ինչպես հավի ճուտ, որին հեռացնում են հավանոցից։ Չելենջերը հուսահատական շարժումներ էր անում՝ դիմելով կապիկների արքայիկին։ Նա խնդրում էր, աղաչում, որ խնայի իր ընկերոջը։ Բայց կապիկն առանց ձևականության բոթեց իր նմանակին ու գլուխը տարուբերեց։ Այդ նրա վերջին գիտակցական շարժումն էր․ հրացանը որոտաց, և կարմրաշեկ արքայիկը պարկի նման ընկավ խոտերին։
― Կրակի՛ր ամբոխի վրա, գնդակ մի՛ խնայիր, տղաս, ― բղավեց լորդ Ջոնը։
Ամեն մի, նույնիսկ ամենասովորական մարդու հոգում թաքնված են իր համար իսկ անհայտ խորհուրդներ։ Ես միշտ հայտնի եմ եղել իմ փափկասրտությամբ․ շատ անգամներ վիրավոր նապաստակի տնքոցները դառն արցունքներ են քամել իմ աչքերից։ Բայց այժմ արյան ծարավը խելքահան արեց ինձ։ Ես վեր թռա, գնդակ գնդակի ետևից արձակելով սկզբում մի հրացանից, հետո մյուսից, շրխկացնում էի փակաղակները, նորից լցնում և անընդհատ բղավում՝ կատաղի ուրախությունից գլուխս կորցրած։ Չորս հրացանով մենք ահավոր ավերածություն էինք առաջացնում կապիկների շարքերում։ Սամերլիին հսկող երկու պահակներն էլ մեռած փռվել էին գետնին, իսկ նա քայլում էր հարբածի պես սայթաքելով և հավանորեն չէր գիտակցում, որ իրեն ազատել են։ Մեր թշնամիները շշմած դես ու դեն էին վազվզում բացատում, առանց բան հասկանալու, չիմանալով, թե ուր կորչեն անակնկալ վրա հասած մահվան մրրիկից։ Նրանք թափահարում էին ձեռքները, ճղավում՝ դիպչելով դիակներին, ցած ընկնում։ Հետո, ենթարկվելով բնազդին, խմբով նետվեցին ծառերի պաշտպանության տակ, և բացատը դատարկվեց։ Միայն նրա մեջտեղում կանգնած էր գերիների մի փոքրիկ խումբ։
Չելենջերի սուր միտքը մի ակնթարթում գնահատեց դրությունը։ Նա բռնեց շշմած Սամերլիի ձեռքից և, քարշ տալով իր ետևից, վազեց դեպի մեզ։ Երկու պահակները պատրաստվում էին հետապնդել նրանց, բայց լորդ Ջոնը վայրկենապես ցած գլորեց նախ մեկին, ապա մյուսին, առանց ավելորդ գնդակ վատնելու։ Մենք թփերի միջից վազեցինք մեր բարեկամներին ընդառաջ և ամեն մեկի ձեռքը մի֊մի լցված հրացան տվինք։ Բայց այստեղ Սամերլին բոլորովին ուժասպառ եղավ։ Նա հազիվ էր ոտքերը շարժում։ Մինչդեռ մարդակապիկներն արդեն ուշքի էին եկել։ Նրանք ցրվեցին թփերի մեջ, ըստ երևույթին աշխատելով մեր ճանապարհը փակել։ Ես և Չելենջերը մտանք Սամերլիի թևերի տակ, իսկ լորդ Ջոնը քողարկում էր մեր նահանջը, գնդակ դնդակի ետևից ճամփելով դեպի նրանց զարհուրելի, երախաբաց մռութները, որ մերթ ընդ մերթ երևում էին թփերի միջից։ Մոտ մի մղոն, գուցե և ավելի, այդ արարածները խլացուցիչ ճղավոցով կրնկակոխ հետևում էին մեզ։ Հետո սկսեցին ետ ընկնել՝ համոզվելով մեր գերազանցության մեջ և չկամենալով այլևս ընկնել լորդ Ջոնի դիպուկ գնդակների տակ։ Վերջապես ճամբար հասնելով՝ նայեցինք հետ ու համոզվեցինք, որ այժմ մեզ հանգիստ թողին։ Համենայն դեպս այդպես էր թվում, բայց դա սխալ էր։ Նոր էինք հասցրել ճամբարի մուտքը փակել, սեղմել իրար ձեռք և ուժասպառ մեկնվել աղբյուրի մոտ, բացատի կենտրոնում, երբ հանկարծ ցանկապատի այն կողմից լսվեցին ինչ֊որ մեկի արագ քայլերն ու դրանից անմիջապես հետո կամացուկ, աղիողորմ հեծկլտոցը։ Լորդ Ջոնը հրացանը ձեռքին վազեց դեպի անցկալը և դուրս նայեց։ Ցանկապատի ետևում, դեմքները հպած գետնին, պառկած էին կենդանի մնացած չորս պղնձակարմիր հնդկացիները։ Նրանք վախից դողում էին, բայց դա չէր խանգարում, որ աղաչեն մեզ՝ պաշտպանության տակ առնել իրենց։ Նրանցից մեկը վեր կացավ, արտահայտիչ ձևով ձեռքերը շարժեց, հավանորեն կամենալով ասել, թե մեր ճամբարի շուրջն անտառը լի է վտանգներով, հետո ընկավ լորդ Ջոնի ոտքերը և դեմքը սեղմեց նրա ծնկներին։
― Այս ի՞նչ բան է, ― բացականչեց մեր ղեկավարը՝ շփոթված քաշքշելով բեղերը։ ― Չէ, իսկապես, ինչպե՞ս վարվենք սրանց հետ։ Վեր կաց, բարեկամ, կոշիկս հանգիստ թող։
― Նրանց մասին նույնպես պետք է հոգալ, ― ասաց Սամերլին ծխամորճը լցնելով։ ― Դուք մեզ բոլորիս ազատեցիք մահվան ճանկերից։ Եվ ինչպե՜ս ազատեցիք։ Ես պարզապես հիացած եմ։
― Ապշեցուցի՜չ էր, ― բացականչեց Չելենջերը, ― ապշեցուցիչ։ Ոչ միայն անձամբ մենք, այլև Եվրոպայի գիտական ողջ աշխարհը անհատույց պարտք կմնա ձեզ։ Կասեմ առանց տատանվելու, որ պրոֆեսոր Սամերլիի և պրոֆեսոր Չելենջերի մահը հույժ նկատելի ճեղքվածք բաց կաներ ժամանակակից գիտության մեջ։ Դուք և մեր պատանի բարեկամը արժանի եք ամենայն գովասանքի։
Հայրական ժպիտ էր խաղում Չելենջերի շրթունքներին, բայց ինչպե՜ս կզարմանար Եվրոպայի գիտական աշխարհը, եթե այդ րոպեին տեսներ իր սիրելի զավակին, իր հույսը․․․ Գզգզված մազեր, մերկ կուրծք, ցնցոտիներ։ Գիտության նեցուկը նստել էր պահածոյի տուփը սեղմած ծնկների մեջ և մատներով բերանն էր տանում ավստրալիական ոչխարի մսի մի խոշոր պատառ։ Հնդկացին նայեց նրան, ճչած ու նորից ընկավ լորդ Ջոնի ոտքերը։
― Մի վախենա, փոքրիկ, ― ասաց մեր ղեկավարը՝ շոյելով ծնկներին սեղմվող սև գլուխը։ ― Չելենջեր, ձեր տեսքը հնդկացուն սարսափ ազդեց, և ես դրանում ոչ մի զարմանալի բան չեմ գտնում։ Հանգստացիր, բարեկամ, նա էլ մեզ նման մարդ է։
― Սակայն, սը՛ր, ― բացականչեց Չելենջերը։
― Ոչինչ, պրոֆեսոր, ― դուք պետք է շնորհակալ լինեք ճակատագրին, որ նա ձեզ պարգևել է ոչ բոլորովին սովորական արտաքին։ Եթե կապիկների արքայիկի հետ ձեր ապշեցուցիչ նմանությունը չլիներ․․․
― Բավակա՛ն է, լորդ Ջոն Ռոքստոն։ Դուք ձեզ չափից ավելին եք թույլ տալիս։
― Փաստը մնում է փաստ։
― Խնդրում եմ, սըր, զրույցի թեման փոխեք։ Ձեր նկատողությունները բոլորովին անտեղի են և գործին չեն վերաբերում։ Անհրաժեշտ է որոշել, թե ինչ անենք հնդկացիներին։ Ըստ երևույթին, հարկ կլինի տուն հասցնել։ Բայց որտե՞ղ են ապրում նրանք, ահա հարցը։
― Կարող են պատասխանել, ― ասացի ես։ ― Հնդկացիներն ապրում են կենտրոնական լճի այն կողմը, քարայրներում։
― Ա՛խ, ահա թե ի՜նչ։ Մեր պատանի բարեկամին հայտնի է, թե որտեղ է գտնվում սրանց կացարա՞նը։ Դա երևի այնքան էլ մոտիկ չէ այստեղից։
― Քսան մղոնից ոչ պակաս, ― պատասխանեցի ես։
― Սամելին տնքաց։
― Ես որ համենայն դեպս այնտեղ չեմ հասնի։ Լսո՞ւմ եք։ Այդ արարածները դեռ շարունակում են հետևել մեզ։
Եվ իսկապես, անտառի մթին թավուտից մեզ հասավ մարդակապիկների հեռավոր ճղճղոցը։ Հնդկացիները նորից սկսեցին վախից ոռնալ։
― Հարկավոր է հեռանալ այստեղից, և որքան կարելի է շուտ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Երիտասարդ, դուք կօգնեք Սամերլիին։ Հնդկացիները կտանեն իրերը։ Դե, գնացինք, քանի դեռ նրանք մեզ չեն նկատել։
Մի կես ժամում վազելով հասանք թփերի մեջ եղած մեր ապաստարանը և թաքնվեցինք այնտեղ։ Ամբողջ օրը մարդակապիկների հուզված ճիչերը հասնում էին մեզ ամրոցի կողմից, բայց ոչ ոք նրանցից այս կողմ չեկավ։ Հոգնած փախստականները՝ թե սպիտակամորթ, թե կարմրամորթ, թաղվեցին երկար, խոր քնի մեջ։
Երեկոյան նիրհի միջից զգացի, որ մեկը թևիցս քաշում է։ Աչքերս բացելով՝ տեսա առջևս կանգնած Չելենջերին։
― Միստր Մելոուն, որքան ինձ հայտնի է, դուք օրագիր եք պահում, հուսալով ժամանակին հրապարակել այն, ― խիստ հանդիսավոր տոնով սկսեց նա։
― Ինձ ուղարկել են այստեղ, իբրև սեփական թղթակից, ― պատասխանեցի ես։
― Հենց այդ է որ կա։ Դուք, հավանորեն, լսեցիք լորդ Ռոքստոնի հիմար ակնարկները, որ․․․ իբր թե․․․ որոշ նմանություն գոյություն ունի․․․
― Այո, լսեցի։
― Կարիք չկա ասելու, որ նման տխմարության հրապարակումը․․․ և ընդհանրապես դեպքերի ամենաչնչին քմահաճ շարադրումը չափազանց վիրավորական կլինի ինձ համար։
― Խոստանում եմ խստիվ հարազատ մնալ փաստերին։
― Լորդ Ջոնը հակամետ է ամեն տեսակ ֆանտազիաների, և նրա համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում մի կերպ յուրովի բացատրել այն հանգամանքը, որ անգամ ամենաանկուլտուրական ցեղերը տածում են դեպի մարդկային արժանապատվությունը։ Իմ միտքը պա՞րզ է ձեզ։
― Լիովին։
― Այսպես, հուսով եմ ձեր խոհեմության վրա, ― ասաց Չելենջերը և երկար լռությունից հետո ավելացրեց․ ― իսկ այդ կապիկների արքայիկը հույժ արժանավոր արարած էր․․․ Արտասովոր կերպով պատկառելի արտաքին ուներ և այնպես խելացի էր․․․ Ճիշտ չէ՞։
― Խիստ արժանավոր անձնավորություն էր, ― պատասխանեցի ես։
Ինչպես երևում է, հանգստանալով, պրոֆեսորը նորից պառկեց քնելու։
Գլուխ XIV «Այդ իսկական հաղթանակ էր»
Կարծում էինք, թե մեզ հետապնդող մարդակապիկները չեն կասկածում թփերի մեջ եղած այդ ապաստարանի մասին, սակայն շուտով համոզվեցինք, որ սխալվում ենք։ Անտառում լիակատար լռություն էր տիրում՝ ո՛չ ձայն, ո՛չ տերևների շրշյուն․․․ Բայց և այնպես նախկին փորձը պետք է մեզ հուշեր, թե այդ էակներն ինչպիսի խորամանկությամբ ու համբերությամբ են հետևում իրենց որսին ու հարմար րոպե գտնում հարձակման համար։ Չգիտեմ ճակատագիրն ինչ է խոստանում ինձ հետագայում, բայց հազիվ թե երբևէ ես այդքան մոտիկ եղել եմ մահվան կամ կլինեմ, ինչպես այն առավոտ։ Հիմա ամեն ինչ հերթով կպատմեմ։
Նախորդ օրվա սարսափելի ալեկոծումներից ու քաղցից հետո քունը չօգնեց ուժերս վերականգնելու։ Սամերլին այնքան թույլ էր, որ հազիվ էր ոտքի վրա մնում, բայց իրեն հատուկ համառությամբ ու արիությամբ չէր ուզում այդ խոստովանել։ Ռազմական խորհրուրդ գումարեցինք և որոշեցինք ևս երկու ժամ նստել այստեղ, նախաճաշել, որ խիստ անհրաժեշտ էր, իսկ հետո ճամփա ընկնել ամբողջ սարահարթի երկարությամբ և դուրս գալ կենտրոնական լճի այն ափին գտնվող քարայրների մոտ, որտեղ իմ դիտողություններով, մարդիկ էին ապրում։ Հույս ունեինք, թե մեր ազատած հնդկացիները մի բարի խոսք կասեն մեր մասին, և սպասում էինք լավ ընդունելություն գտնել նրանց ցեղակիցների մոտ։
Այդպիսի ճանապարհորդությունից հետո Մեպլ֊Ուայտի Երկիրը մեր առաջ ավելի ևս բաց կանի իր գաղտնիքները, և, մեզ վրա դրված առաջադրանքը կատարելուց հետո, մենք մեր բոլոր մտքերը կուղղենք այստեղից դուրս գալու և կրկին աշխարհ վերադառնալու միջոցներ գտնելուն։ Նույնիսկ ինքը՝ Չելենջերն ընդունում էր, որ արշավախմբի նպատակը կատարված կլինի, և որ դրանից հետո պարտքը կստիպի մեզ որքան կարելի է շուտ հայտնել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին մեր զարմանալի հայտնագործությունների մասին։
Այժմ կարող էինք ավելի ուշադիր դիտել մեր փրկած հնդկացիներին։ Նրանք կարճահասակ էին, մկանուտ, ճարպիկ, տեսքից անհիշաչար, անմազ դեմքի կանոնավոր ձվածիր և սև, հարթ մազերով, որոնք ծոծրակի մոտ կապված էին կաշվե փոկով։ Նրանց հագուստը բաղկացած էր միայն ազդրերի կապից, որը նույնպես կաշվից էր։ Ճեղ քված, արնատար ականջաբլթակները վկայում էին, որ նրանց ականջներից ինչ֊որ զարդեր էին կախված եղել, որոնք մնացին թշնամիների՝ կապիկների ճանկերում։ Հնդկացիները իրար հետ աշխուժորեն խոսում էին անծանոթ լեզվով, բայց և այնպես մենք հասկացանք, որ նրանց ցեղը կոչվում է «ակկալա»։ Նրանք այդ խոսքը կրկնեցին մի քանի անգամ իրար ետևից, մատնացույց անելով իրար, ապա սեղմված բռունցքները թափ տվին դեպի անտառի կողմը և, վախից ու ատելությունից դողալով, բղավեցին․ «Դո դա, դո դա»։ Երևի նրանք այդպես էին անվանում մարդակապկին։
― Ի՞նչ կասեք սրանց մասին, Չելենջեր, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Ինձ համար միայն մի բան է պարզ․ ահա այն խուզած ճակատով պատանին սրանց առաջնորդն է։
Եվ իսկապես, այդ հնդկացին իրեն պահում էր մեկուսի, իսկ մնացածները դիմում էին նրան մեծագույն հարգանքով, չնայած բոլորը տարիքով մեծ էին նրանից։ Պատանու ամեն մի շարժումն արտահայտում էր հպարտություն ու անկախություն, և երբ Չելենջերն իր ահագին թաթը դրեց նրա գլխին, նա խթանած ձիու պես մի կողմ ցատկեց, և, բարկությամբ փայլեցնելով սև աչքերը, ետ գնաց։ Հետո ձեռքը դրեց կրծքին և, արժանապատվությամբ լի, մի քանի անգամ կրկնեց «Մարետաս» խոսքը։
Առանց բոլորովին շփոթվելու, պրոֆեսորը բռնեց մյուս հնդկացու ուսից և, այս կողմ, այն կողմ շուռ տալով ինչպես ցուցադրական պիտույք, սկսեց դասախոսություն կարդալ մեզ։
― Զարգացած գանգը, դիմանկյունը և որոշ այլ նշաններ խոսում են այն մասին, որ այս ցեղը չի կարելի դասել ստորին ռասսայի շարքում, ― թնդացրեց նա իր հնչեղ բասը։ Ռասայական սանդղակում մենք պետք է նրան տեղ հատկացնենք Հարավային Ամերիկայի շատ ցեղերից առաջ։ Ես հաստատ համոզված եմ, որ այստեղ, սարահարթում անհնարին էր այս ցեղի առաջացնումն ու զարգացումը։ Բայց չէ՞ որ մարդակապիկներին ևս մի վիթխարի անդունդ է բաժանում այստեղ պահպանված մինչպատմական կենդանիներից։ Հետևաբար, նրանք նույնպես չէին կարող երևան գալ ու զարգանալ Մեպլ֊Ուայտի Երկրում։
― Հապա որտեղի՞ց են հայտնվել նրանք։ Երկնքից հո չե՞ն ընկել, ― հարցրեց լորդ Ջոնը։
― Այդ հարցն անկասկած տաք վիճաբանություններ կառաջացնի Եվրոպայի և Ամերիկայի գիտնականների միջև, ― պատասխանեց պրոֆեսորը։
― Այդ հարցի իմ սեփական բացատրությունը՝ ճիշտ թե սխալ (այս խոսքերն ասելիս նա կուրծքը դուրս գցեց և արտասովոր ամբարտավանությամբ աչքերը դարձրեց չորս կողմը), հետևյալն է․ այստեղի խիստ յուրահատուկ պայմաններում էվոլյուցիան հասել է ողնաշարավորների ստադիային, ըստ որում հին ձևերը շարունակել են ապրել ու զարգանալ նորերի կողքին։ Ահա թե ինչու յուրայան շրջանի ձևերի հետ մեկտեղ այստեղ ապրում է և ժամանակակից գետակինճը՝ հույժ հարգալիր տոհմագրությամբ մի կենդանի, և՛ խոշոր եղջերուն, և մրջնյակները։ Առայժմ ամեն ինչ պարզ է։ Բայց դուք կհարցնեք՝ հապա մարդակապիկնե՞րը, հապա հնդկացինե՞րը։ Գիտական միտքն ինչպե՞ս պետք է վերաբերվի նրանց առկայությանը սարահարթում։ Իմ կարծիքով, բացատրությունը կարող է լինել միայն մեկը․ նրանք այստեղ են թափանցել դրսից։ Շատ հնարավոր է, որ Հարավային Ամերիկայում գոյություն ունեցած ինչ֊որ մարդանման կապիկներ անհիշելի ժամանակներում անցել են այստեղ և իրենց էվոլյուցիայի շնորհիվ տվել մարդակապիկների այն տեսակը, որի հեռավոր ներկայացուցիչները (այստեղ Չելենջերը կիպ նայեց ինձ) այնպիսի պատկառելի ու վայելուչ տեսք ունեն, որ բանականության առկայության դեպքում նրանք կարող էին մինչև իսկ զարդարել մարդկային ցեղը։ Իսկ ինչ վերաբերում է հնդկացիներին, ապա այդ ցեղը հարթավայրից այստեղ է գաղթել ավելի ուշ ժամանակներում կամ քաղցի, կամ թշնամու հետապնդման հետևանքով։ Այստեղ հանդիպելով մինչ այդ չտեսնված հրեշների, նրանք թաքնվել են քարայրներում, որոնց մասին պատմեց մեզ մեր պատանի բարեկամը։ Սակայն հդկացիներն անկասկած ստիպված են եղել կյանքի ու մահու կռիվ մղել վայրի գազանների, մասնավորապես կապիկների դեմ, որոնք չէին կամենում հաշտվել մարդու ներխուժման հետ և անխնա պատերազմ էին մղում նրա դեմ՝ գործի դնելով իրենց ողջ խորամանկությունը, իսկ այդ խնդրում նրանք կարող են մրցել ուզածդ շատ ավելի խոշոր արարածների հետ։ Ահա թե ըստ իս ինչով է բացատրվում հնդկական ցեղի փոքրաքանակությունը։ Եվ այսպես, ջենտլմեննե՛ր, ի՞նչ կասեք հիմա։ Ճի՞շտ լուծեցի այդ հանելուկը, թե՞ դուք որևէ առարկություն ունեք ըստ էության։
Բայց պրոֆեսոր Սամերլին վեճի գլուխ չուներ, նա միայն ի նշան բողոքի հուսահատորեն տարուբերեց գլուխը։ Լորդ Ջոնը քորեց իր ճաղատացող գագաթը և հրաժարվեց պրոֆեսոր Չելենջերի մարտահրավերն ընդունելուց, պատճառաբանելով, թե ինքն այլ կարգի ու այլ քաշի ըմբիշ է։ Իսկ ես հավատարիմ մնացի ինքս ինձ և խոսակցությունը փոխադրեցի ավելի պրոզայիկ պլանի վրա, հայտնելով, որ հնդկացիներից մեկը չքացավ ինչ֊որ տեղ։
― Նա գնաց, ― ասաց լորդ Ռոքստոնը։ ― Մենք պահածոյի մի դատարկ տուփ տվեցինք նրան և ուղարկեցինք ջրի։
― Հին ճամբա՞րը, ― հարցրի ես։
― Ոչ, առվակը։ Դա հեռու չէ այստեղից։ Ահա այս ծառերի ետևը։ Ընդամենը մի հարյուր յարդ հազիվ լինի, բայց ինչպես երևում է, այդ հերոսը այնքան էլ չի շտապում։
― Գնամ տեսնեմ, թե նա ինչ է անում այնտեղ, ― ասացի ես և՝ վերցնելով հրացանը, գնացի անտառ՝ ընկերներիս թողնելով աղքատիկ նախաճաշի պատրաստություններով։
Ձեզ անխոհեմություն կթվա, որ ես սիրտ արի նույնիսկ այդքան կարճ ժամանակով թողնել մեր հուսալի ապաստարանը, բայց չէ՞ որ կապիկների քաղաքը հեռու էր, թշնամիները կորցրել էին մեր հետքերը, բացի դրանից, ես հրացան ունեի հետս։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, ես թերագնահատում էի մարդակապիկների ուժերն ու նենգությունը։
Առվակը խոխոջում էր ինչ֊որ մոտերքում, բայց ծառերի ու թփերի խիտ մառախուղը թաքցնում էր այն ինձանից։ Արդեն բավական հեռացել էի ընկերնեիցս, երբ հանկարծ կանաչ խոտերի մեջ ինչ֊որ կարմիր բան նկատեցի։ Սարսափը պատեց ինձ․ դա ջրի ուղարկված հնդկացու դիակն էր։ Դժբախտը կծկվել էր գետնին․ գլուխն այնպես անբնական ոլորված էր, որ ասես նա ուսի վրայից նայում էր վերև։ Բղավեցի ընկերներիս՝ նախազգուշացնելով վտանգի մասին, ապա վազեցի հնդկացու մոտ և ցած խոնարհվեցի․․․ Հավանորեն, այդ րոպեին իմ պահապան հրեշտակը մոտերքում էր, որովհետև բնազդը, իսկ միգուցե տերևների շրշյունը, ստիպեց ինձ վերև նայել։ Գլխավերևումս կախված տերևների թանձր կանաչի միջից դանդաղորեն դեպի ինձ էին պարզվում երկու երկար, կարմրաշեկ մազերով ծածկված մկանուտ ձեռքեր։ Եվս մի վայրկայն, և ագահ մատները կփակվեին իմ պարանոցի շուրջը։ Ես ցատկեցի, բայց այդ ձեռքերն ավելի արագաշարժ դուրս եկան։ Ճիշտ է, ցատկելն ինձ փրկեց մահացու ոխումից, բայց մի թաթը կառչեց ծոծրակիցս, իսկ մյուսը՝ դեմքիցս, իսկ հետո, երբ կոկորդս ափով ծածկեցի, մատներիցս։
Զգացի, որ գետնից պոկվում եմ, որ գլուխս անհախթահարելի ուժով ձգում են ետ․․․ Թվում էր, էլի մի վայրկյան, և վզիս ողերը էլ չեն դիմանա։ Ուղեղս սկսեց մշուշվել, բայց ես բաց չէի թողնում այդ սարսափելի ձեռքը և, վերջապես, պոկեցի այն ծնոտիցս։ Ինձ վրա խոնարհվել էր մի նողկալի մռութ՝ կապույտ, պաղ աչքերով, որոնց դաժան հայացքը հիպնոսող ուժով գամել էր ինձ իմ տեղում։ Կռվելու ուժ չկար։ Հենց որ հրեշն զգաց, որ ես թուլանում եմ, նրա գարշելի երախում փայլեցին երկու սպիտակ ժանիքներ, և նա ավելի ուժգին սեղմեց թաթը՝ գլուխս ետ ծռելով։ Աչքերիս առաջ պղտոր օղակներ լողացին, ականջներումս արծաթե բոժոժիկներ զրնգացին։ Ինչ֊որ տեղ հեռվում կրակոց լսվեց, ես ընկա՝ համարյա ցավ չզգալով, և գիտակցությունս կորցրի։
Ուշքի գալով նկատեցի, որ պառկած եմ խոտերի վրա, մեր ապաստարանում։ Ինչ֊որ մեկն արդեն վազել էր առվակ, լորդ Ջոնը գլուխս թրջում էր ջրով, իսկ Չելենջերն ու Սամերլին հոգատարությամբ պահում էին ինձ երկու կողմերից։ Տեսնելով նրանց տագնապահար դեմքերը՝ առաջին անգամ հասկացա, որ մեր պրոֆեսորները ոչ միայն գիտության այրեր են, այլև մարդկային պարզ զգացումների ընդունակ մարդիկ։ Մարմնիս վրա ոչ մի վնասվածք չկար։ Ըստ երևույթին իմ ուշաթափությունն առաջացել էր միայն ուժեղ ցնցումից, որովետև կես ժամից հետո ես արդեն վերջնականապես ուշքի եկա, եթե չհաշվենք ծոծրակի ու վզիս ցավերը։
― Դե, սիրելի երիտասարդ, այս անգամ դուք մահից պրծաք, ― ասաց լորդ Ջոնը։ ― Երբ ես նետվեցի ձեր կանչի վրա ու տեսա, որ այդ հրեշը ոլորում է ձեր գլուխը, իսկ դուք արդեն ձեր չորս թաթիկներն էլ վեր էիք տնկել, առաջին հերթին գլխումս մի միտք առկայծեց՝ դե՛, մեր գնդից մեկը պակասեց․․․ Շտապելուց ես մինչև իսկ վրիպեցի, բայց և այնպես այդ հրեշը գցեց ձեզ և իսկույն փախավ։ Ա՛խ, սատանան տանի։ Տային ինձ հրացանավոր երեսուն մարդ, և մենք այստեղ այնպիսի կարգ ու կանոն հաստատեինք, որ այդ տականքի հետքն անգամ չմնար։
Միանգամայն պարզ էր, որ մարդակապիկներն ինչ֊որ ձևով տեղեկացել էին մեր ապաստարանի մասին և այժմ աչքները չեն թեքում նրանից։ Ցերեկը կարելի էր չվախենալ նրանցից, բայց ի՞նչ կլինի գիշերը։ Նրանք անպայման վրա կտան մեզ։ Նշանակում է, պետք է հեռանալ, և որքան շուտ, այնքան լավ։ Մեզ երեք կողմից շրջապատում էր անտառի թավուտը, ուր ամեն մի քայլափոխում կարելի էր դարանի հանդիպել․ չորրորդ կողմից սկսվում էր մի թեթև զառիկող, որն իջնում էր դեպի կենտրոնական լիճը։ Այնտեղ աճում էր մի ցածլիկ թփուտ հատուկենտ ծառերով, որը տեղ֊տեղ ընդհատվում էր բացատներով։ Այդ զառիկողով էր, որ մենակ գնացի այն գիշեր, և նա տանում էր ուղիղ դեպի հնդկացիների քարայրները։ Հետևաբար, մենք հենց այդ ուղղությամբ էլ պիտի գնայինք։
Միակ բանը, որի համար ափսոսում էինք, մեր ճամբարն էր, և այդ ոչ այնքան այնտեղ թողնված պաշարների, որքան նեգր Սամբոյի համար, որը միակ օղակն էր մեր և արտաքին աշխարհի միջև։ Ասենք, հրացանները մեզ մոտ էին, փամփուշտի պակասություն նույնպես չէր զգացվում, այնպես որ որոշ ժամանակ կարող էինք դրանով յոլա գնալ, իսկ հետո, երևի, հնարավորություն կստեղծվեր վերադառնալ հին տեղը և նորից կապ հաստատել մեր նեգրի հետ։ Սամբոն հաստատ խոսք էր տվել չլքել մեզ, և մենք չէինք կասկածում, որ նա իր խոսքը կկատարի։
Վաղ առավոտյան մեր խումբը ճամփա ընկավ։ Իբրև ուղեցույց առջևից գնում էր երիտասարդ առաջնորդը, որը զայրույթով հրաժարվեց որևէ բեռ տանելուց։ Նրա ետևից քայլում էին ողջ մնացած երկու հնդկացիները արշավախմբի ամբողջ աղքատիկ ունեցվածքը շալակած։ Հրացանները պատրաստ պահած մեր քառյակը վերջափակում էր այդ երթը։ Հենց որ դուրս եկանք թփուտներից, մինչև այժմ լուռ թավուտը հանկարծ լցվեց մարդակապիկների վայրենի ոռնոցներով։ Նրանք ոչ այն է ցնծում էին, ոչ այն է չարախնդում մեր հեռանալու առթիվ։ Ետ նայելով՝ մենք ոչինչ չտեսանք, բայց այդ ձիգ ոռնոցը պարզ ասում էր, թե որքան թշնամիներ են թաքնվել մեզ ամեն կողմից շրջապատող կանաչի համատարած պարսպի ետևում։ Սակայն ըստ երևույթին կապիկները մտադիր չէին հարձակվել մեզ վրա․ դուրս գալով ավելի բաց մի տեղ, մեր վախը բոլորովին անցավ։
Ես քայլում էի ամենավերջում և ակամա ժպտում էի՝ նայելով ընկերներիս։ Մի՞թե դա այն փառահեղ լորդ Ռոքստոնն էր, որը ոչ այնքան վաղուց ինձ ընդունեց Օլբենիի իր սենյակների վարդագույն շքեղության մեջ, որոնց հատակները ծածկված էին պարսկական գորգերով, պատերը զարդարված նկարներով։ Մի՞թե սա այն պրոֆեսորն է, որն այնպես վեհապանծորեն բազմել էր Էնմոր֊Պարկի իր տանը, վիթխարի գրասեղանի ետևում։ Եվ վերջապես, ո՞ւր կորավ այն մռայլ, մանրախնդիր գիտնականը, որ հանդես եկավ Կենդանաբանական ինստիտուտի ժողովում։ Մի՞թե Անգլիայի գյուղամիջյան ճանապարհներին հանդիպող թափառաշրջիկներն ունենում են այսպիսի ողորմելի, վհատ կերպարանք։
Ընդամենը մի շաբաթ ենք անցկացրել սարահարթում, բայց մեր պահեստի հագուստը ներքևում մնաց, իսկ այդ մի շաբաթը հեշտ շաբաթ չէր, չնայած ես առանձնապես գանգատվելու առիթ չունեի, որովհետև այն գիշեր կապիկների ճանկը չէի ընկել։ Զրկվելով գլխարկներից, ընկերներս գլուխները կապել էին թաշկինակներով, հագուստը ծվեն֊ծվեն կախվել էր նրանց վրայից, իսկ կեղտաշերտը և չսափրված մազերը համարյա անճանաչելի էին դարձրել բոլորին։ Սամերլին ու Չելենջերը խիստ կաղում էին, ես նույնպես ոտքերս հազիվ էի քարշ տալիս, դեռևս ինչպես հարկն է չկազդուրված առավոտյան ցնցումից, և դժվարությամբ էի շարժում վիզս, որը փայտացել էր կապկի մահացու ռխումից հետո։ Այո, շատ տխուր տեսք ունեինք մենք, և ինձ բոլորովին չէր զարմացնում, որ մեր ուղեկից հնդկացիները մի գլուխ ետ էին դառնում, տարակուսանքով և նույնիսկ սարսափով նայելով մեզ։
Կեսօրից բավական անցել էր, երբ մացառուտից դուրս եկանք լճափ։ Հնդկացիները տեսան նրա ընդարձակ մակերեսը և ուրախ ճիչերով ձեռքները թափահարեցին, մեզ ջուրը ցույց տալով։ Տեսարանն իսկապես զարմանալի էր։ Ուղիղ դեպի մեզ էր լողում թեթև նավակների մի ամբողջ տորմիղ։ Նրանք դեռևս հեռու էին, մի քանի մղոնի վրա, բայց այդ տարածությունն այնպես արագ էր կրճատվում, որ շուտով թիավարողները ճանաչեցին, թե ովքեր են կանգնած ափին։ Ցնծագին ձայները որոտի նման տարածվեցին լճակի վրա։ Վեր թռչելով տեղներից՝ հնդկացիները ճոճում էին թիակներն ու նիզակները։ Հետո նորից սկսեցին թիավարել և մի ակնթարթում անցան մնացած տարածությունը, նավակները դուրս քաշեցին ավազոտ թեք ափը և ողջյունի բացականչություններով բերանքսիվայր փռվեցին երիտասարդ առաջնորդի առաջ։ Դրանից հետո ամբոխի միջից դուրս եկավ հասակավոր մի հնդկացի՝ զարդարված խոշոր, փայլուն ապակու կտորներից պարտաստված մանյակով ու ապարանջանով և ուսին դրած սքանչելի բծավոր մորթով, որը փայլփլում էր սաթի պես։ Նա վազելով մոտեցավ պատանուն, քնքշությամբ գրկեց նրան, հետո նայեց մեր կողմը, ինչ֊որ բան հարցրեց և, մոտենալով մեզ, առանց ստորաքարշության, մեծ արժանապատվությամբ գրկեց մեզ հերթով։ Նրա մի խոսքով մնացած հնդկացիները ի նշան հարգանքի խոնարհվեցին մեր առաջ մինչև գետին։ Անձամբ ինձ այդ ստրկամտությունը վրդովեց, ինչպես երևում է լորդ Ջոնին և Սամերլիին ևս շփոթեցրեց, մինչդեռ Չելենջերը բացվեց, ինչպես արևից ջերմացած ծաղիկ։
― Գուցե այս բնիկները իրենց զարգացման մեջ շատ էլ հեռու չէին գնացել, ― ասաց նա, շոյելով մորուքն ու զննելով մեր առաջ փռված մարմինները, ― բայց լուսավորյալ եվրոպացիներից ոմանք հարկ է, որ սովորեն սրանցից, թե ինչպես պետք է պահել իրեն բարձրագույն էակների ներկայությամբ։ Մի տես, թե որքան անսխալ է նախնադարյան մարդու բնազդը։
Ամեն ինչից դատելով՝ հնդկացիները ռազմական արշավի էին դուրս եկել, որովհետև բացի բամբուկե երկար նիզակներից, յուրաքանչյուրն ուներ նետ ու աղեղ, մահակ կամ գոտկին խրած քարե կացին։ Մռայլ, ցասկոտ հայացքները, որ նրանք նետում էին անտառի կողմը, որտեղից մենք դուրս եկանք, և «դո դա» խոսքի հաճախակի կրկնությունը վկայում էին, որ այդ արշավի նպատակն էր կամ փրկել ծեր առաջնորդի որդուն (մենք գլխի ընկանք նրանց արյունակից լինելը), կամ վրեժ լուծել նրա մահվան համար։ Այժմ նրանք նստեցին շրջանաձև և ռազմական խորհուրդ արին, իսկ մենք տեղավորվեցինք մի քիչ հեռու, բազալտի մի մեծ բեկորի վրա և սկսեցինք հետևել, թե ինչ է տեղի ունենում։ Առաջին հերթին խոսեցին ռազմիկները, իսկ հետո կրակոտ խոսքով իր ցեղին դիմեց նաև մեր պատանի բարեկամը։ Նրա խոսքն ուղեկցվում էր այնպիսի պերճախոս դիմախաղով ու շարժումներով, որ մենք ամբողջովին հասկացանք այն, ասես թե այդ լեզուն ծանոթ էր մեզ։
― Արժե՞ միթե այժմ տուն վերադառնալ, ― ասում էր նա։ ― Վաղ թե ուշ հարկ կլինի կանգնել մեր թշնամուն դեմառդեմ։ Մեր եղբայրներն սպանված են։ Ինչ օգուտ, որ ես մնացի ողջ և անվնաս, երբ ուրիշները մեռան։ Ձեզանից ո՞վ կարող է հանգիստ լինել իր կյանքի համար։ Հիմա մենք բոլորս հավաքված ենք։ ― Նա ցույց տվեց մեզ։ ― Այս եկվորները՝ մեր բարեկամներն են։ Նրանք մեծ ռազմիկներ են ու մեզ նման էլ ատում են կապիկներին։ Շանթն ու որոտը ենթարկվում են նրանց։ ― Այստեղ նա ձեռքը պարզեց դեպի երկինք։ ― Մի ուրիշ անգամ այսպիսի դեպք կպատահի՞։ Ուրեմն գնանք առաջ՝ կամ կմեռնենք, կամ խաղաղ կյանք ձեռք կբերենք մեզ համար, և այն ժամանակ ամոթ չի լինի մեր կանանց մոտ վերադառնալ։
Փոքրիկ կարմրամորթ ռազմիկներն ագահությամբ լսում էին իրենց առաջնորդին, իսկ երբ նա վերջացրեց, ցնծագին աղաղակներ արձակեցին և մի մարդու պես նիզակները նետեցին օդի մեջ։ Նրա հայրը ինչ֊որ բան հարցրեց մեզնից, մատնացույց անելով անտառը։ Լորդ Ջոնը նշանացի հասկացրեց նրան սպասել և դիմեց մեզ։
― Դե, ամեն մեկը թող իր համար որոշի, ― ասաց նա։ ― Ես անձնապես դեմ չեմ կապիկների հետ հաշիվներս մաքրելու, և եթե բանը վերջանա երկրի երեսից նրանց բնաջնջելով, ապա այս երկիրը կծաղկի միայն այդպիսի օպերացիայից հետո։ Ես կգնամ մեր նոր բարեկամների հետ և չեմ լքի նրանց մինչև հաղթական վախճանը։ Ի՞նչ կասեք դուք, երիտասարդ։
― Իհարկե, ես ձեզ հետ եմ։
― Իսկ դո՞ւք, Չելենջեր։
― Կարող եք հուսալ իմ օգնության վրա։
― Իսկ դո՞ւք, Սամերլի։
― Մենք ավելի ու ավելի ենք շեղվում մեր արշավախմբի նպատակից, լորդ Ջոն։ Հավատացնում եմ ձեզ, որ ես իմ պրոֆեսորական ամբիոնը Լոնդոնում նրա համար չթողի, որպեսզի գլխավորեմ կարմրամորթների հարձակումը մարդանման կապիկների գաղութի վրա։
― Այո, իսկապես որ, որքա՜ն ցած ենք ընկել մենք, ― ժպտալով ասաց լորդ Ջոնը։ ― Բայց ինչ արած, հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Դե, սպասում ենք ձեր պատասխանին։
― Դա խիստ կասկածելի խաղ է, ― անձնատուր չէր լինում Սամերլին, ― բայց եթե բոլորդ գնում եք, ես կամա թե ակամա պետք է հետևեմ ձեզ։
― Ուրեմն, վճռված է, ― ասաց լորդ Ջոնը, և շուռ գալով դեպի ծերունի առաջնորդը, հաստատորեն գլխով արավ ու ափով թփթփացրեց հրացանը։
Ծերունին սեղմեց մեր ձեռքերը, իսկ նրա ցեղակիցները է՛լ ավելի ցնծագին աղաղակներ արձակեցին։
Երթի դուրս գալու համար արդեն ուշ էր, ուստի հնդկացիները շտապով ճամբար զարկեցին։ Ամենուրեք ծխացին֊բոցավառվեցին խարույկները։ Մի փոքր խումբ գնաց ջունգլի ու վերադարձավ, առաջն առած մի փոքր իգուանադոն, որի մեջքին նույնպես ասֆալտի քսվածքներ կային։ Մի հնդկացի մոտեցավ ու կարգադրեց մորթել նրան, և մենք միայն այժմ հասկացանք, որ վիթխարի իգուանադոննրը բնիկների սեփականությունն են, ինչպես մեզանում՝ եղջերավոր անասունները։ Հետևաբար, ասֆալտե հանելուկային բծերն ընդամենը խարանի կամ դրոշմի նման մի բան էին։ Այդ բութ, խոտակեր արարածներն օժտված են պստլիկ ուղեղով։ Չնայած իրենց վիթխարի չափերին, նրանք աչքի են ընկնում այնպիսի անզորությամբ, որ նույնիսկ երեխան նրանց հետ գլուխ կհանի։ Մի քանի րոպե էլ չէր անցել, որ իգուանադոնին քերթեցին, և մսի պատառներն արդեն խորովվում էին խարույկների վրա ինչ֊որ թեփուկավոր ձկան հետ միասին, որը հնդկացիները որսացել էին լճում, եռաժանիի փոխարեն գործի դնելով նիզակները։
Սամերլին պառկեց ավազի վրա ու քնեց, իսկ մենք երեքով գնացինք թափառելու լճափին վառված այդ արտասովոր երկրի մասին որքան կարելի է շատ բան իմանալու ցանկությամբ։ Մի քանի անգամ մեր ճամփին պատահեցին նույնպիսի կապտակավ փոսեր, ինչպես պտերոդակտիլների ճահճում։ Այդ չգործող հրաբխային խառնարանները չգիտես ինչու խիստ հետաքրքրեցին լորդ Ջոնին։ Չելենջերն ևս իր ուշադրությանն արժանի մի բան գտավ՝ դա ուժեղ խփող ցեխի մի հեյզեր էր, որի շիթերը շարունակ եռում էի պղպջակներով՝ մեզ անծանոթ ինչ֊որ գազ արձակելով։ Չելենջերը սնամեջ եղեգնը իջեցրեց հեյզերի մեջ, լուցկին մոտեցրեց նրան և դպրոցականի պես ուրախության ճիչ արձակեց, երբ գազը տրաքեց ու վառվեց կապույտ բոցով։ Հետո նա կաշվե քսակը հարմարեցրեց եղեգնի եզրին, լցրեց այն գազով և բաց թողեց օդի մեջ։ Այդ փորձը է՛լ ավելի հիացմունք պատճառեց պրոֆեսորին։
― Այրվող գազ և այն էլ ինչպիսի՜ն՝ օդից թեթև․․․ Այժմ ես համոզված եմ, որ սա իր մեջ զգալի քանակությամբ ազատ ջրածին է պարունակում։ Սպասեցեք, բարեկամներս։ Ջորջ Էդուարդ Չելենջերը դեռ իր բոլոր հնարավորությունները չի սպառել։ Մեծ միտքը միշտ էլ ստիպում է բնությանը ծառայել իրեն։ Դուք դեռևս ձեր սեփական աչքերով կհամոզվեք դրանում։ Նա հպարտությամբ կուրծքը դուրս գցեց, բայց այնպես էլ իր գաղտնի մտահղացումները չբաժանեց մեզ հետ։
Ինչ վերաբերում է ինձ, ապա լճափը պակաս հետաքրքրիր էր թվում բուն լճի համեմատությամբ։ Հնդկացիների հայտնվելն ու ճամբարի աղմուկը վախեցրին բոլոր կենդանի արարածներին։ Ոչինչ չէր խանգարում շրջապատի լռությունը, եթե չհաշվենք մի քանի պտերոդակտիլների, որոնք սավառնում էին բարձրում, աշխատելով լեշ տեսնել։ Բայց կենտրոնական լճի վարդագույն ջրերն ապրում էին իրենց կյանքով։ Ինչ֊որ կենդանիների սև թերթաքարե, վիթխարի մեջքերը և ատամնավոր լողակները շարունակ արծաթե ցայտեր էին նետում ջրի երեսին և նորից կորչում խորքերում։ Ավազուտներում վխտում էին այլանդակ արարածներ, ― ոչ այն է հսկայական կրիաներ, ոչ այն է խլեզներ, որոնց մեջ առանձնապես աչքի էր ընկնում մի հրեշ՝ տափակ, ինչպես կաշվի կտոր․ նա ցնցվում էր իր ամբողջ մաշկով, որը փայլում էր ճարպախալերով։ Նա դանդաղ սողաց ավազի վրայով։ Ժամանակ առ ժամանակ ջրի միջից հանկարծ դուրս էին ցցվում ինչ֊որ օձանման արարածների գլուխներ, որոնք նազելիորեն գալարվելով լողում էին, վզերի շուրջը փրփուրե օձիքներ, նույնպիսի փրփրացող քղանցատուտ թողնելով ետևներից։ Բայց, ինչպես պարզվեց, դրանք բոլորովին էլ օձեր չէին։ Մի այդպիսի արարած մեզնից ոչ հեռու դուրս սողաց ավազի վրա, և մենք տեսանք, որ նրա երկար պարանոցը միանում է հսկայական թաղանթալողակներ ունեցող գլանաձև իրանին։ Չելենջերը և Սամերլին, որն արդեն միացել էր մեզ, զարմանքից ու հիացմունքից գլուխները կորցրել էին։
― Պլեզիոզա՛վր,[40] քաղցրաջուր պլեզիոզա՛վր, ― բացականչեց Սամերլին։ ― Եվ ես տեսնում եմ նրան սեփական աչքերով։ Թանկագին Չելենջեր, կենդանաբաններից ո՞վ կարող է պարծենալ այդպիսի երջանկությամբ։
Վրա հասավ գիշերը, մեր կարմրամորթ դաշնակիցների խարույկներն արդեն կարմրին էին տալիս մթության մեջ, երբ վերջապես մեզ հաջողվեց երկու պրոֆեսորներին հեռացնել նրանց կախարդող նախնադարյան լճից։ Բայց նույնիսկ պառկած ջրից հեռու, մենք շարունակում էինք լսել ջրի խորքում ապրող աժդահա հրեշների փնչոցներն ու ջրի ճողփյունը։
Լուսաբացի առաջին շողերի հետ ամբողջ ճամբարը ոտքի վրա էր։ Մի ժամ հետո դուրս եկանք մեր անօրինակ արշավին։ Ես հաճախ եմ երազել ապրել մինչ այն րոպեն, երբ ինձ իբրև զինվորական թղթակից կուղարկեին ճակատ։ Բայց ո՞ր երազողը կարող էր այսպիսի արշավանք պատկերացնել, ինչպիսին ճակատագիրը բաժին էր հանել ինձ։ Եվ այսպես, անցնում եմ իմ «առաջին զեկուցագրին ռազմական գործողությունների թատերաբեմից»։
Գիշերվա ընթացքում մեր ուժերը համալրվել էին բնիկների նոր ջոկատներով, այնպես որ առավոտյան զորքն արդեն հասնում էր մոտ հինգ հարյուր հոգու։ Հետախույզներ էին ուղարկված առաջ, իսկ նրանց ետևից սեղմ շարասյուներով շարժվում էին գլխավոր ուժերը։ Մենք բարձրանում էինք զառիկող լանջով, որը ծածկված էր թփերով, և դուրս եկանք ջունգլիների մոտ։ Նիզակավորները և նետաձիգները անհավասար շղթայով ցրվեցին անտառեզրի երկարությամբ։ Ռոքստոնն ու Չելենջերը տեղ գրավեցին աջ թևում, ես և Սամերլին՝ ձախում։ Եվ այսպես, զինված հրացանային տեխնիկայի վերջին խոսքով, մենք կռվի էինք տանում քարե դարի վայրի հորդային։
Հակառակորդը երկար սպասեցնել չտվեց։ Թավուտ անտառը լցվեց երկարաձիգ ոռնոցով, և մահակներով ու քարերով զինված մարդակապիկների ոհմակը նետվեց հարձակվող հնդկացիների կենտրոնի վրա։ Դա համարձակ, բայց բավականին անմիտ մանևր էր, որովհետև անշնորհք, ծուռթաթ այդ էակները չէին կարող չափվել կատվի նման ճարպիկ բնիկների հետ։
Մի զարհուրելի տեսարան բացվեց մեր առաջ։ Մոլեգնած, փրփրաբերան կապիկները, աչքները կատաղորեն փայլեցնելով, նետվում էին իրենց դյուրաշարժ թշնամիների վրա, որոնք նետահարում էին նրանց։ Իմ մոտից ոռնոցով սլացավ մի վիթխարի հրեշ, կողքերին ու կրծքին նետեր շարվված։ Մեղքս եկավ նրան ու կրակեցի՝ նա ցած տապալվեց հալվեի թփերի մոտ։ Բայց այլևս հարկ չեղավ կրակելու, քանի որ հարձակումն ուղղված էր ուղիղ դեպի շղթայի կենտրոնը, և հնդկացիները ետ մղեցին այն առանց մեր օգնության։ Այդ գրոհին մասնակցած կապիկներից հազիվ թե մեկնումեկը ողջ ու անվնաս պրծած լիներ ծառերի պահպանության տակ։
Բայց երբ մտանք անտառ, խնդիրն ավելի լուրջ բնույթ ընդունեց։ Կատաղի մարտը տևեց մի ժամից ավելի, և ժամանակ առ ժամանակ ինձ թվում էր, թե մեր երգը երգված է։ Կապիկները դուրս էին թռչում թավուտից և մահակի մի հարվածով մեկեն երեք֊չորս հնդկացու ցած փռում՝ ժամանակ չտալով նրանց մինչև իսկ նիզակները գործի դնելու։ Այդ ծանր մահակների հարվածները կործանիչ էին։ Դրանցից մեկը իջավ Սամերլիի հրացանին, որից միայն տաշեղներ մնացին։ Մի րոպե ևս, և նույպիսի բախտ կվիճակվեր նրա գլխին, բայց ժամանակին վրա հասած հնդկացին նիզակահարեց մահակը վեր քաշած թշնամուն։ Ծառերին բարձրացած կապիկները քարեր և հսկայական ոստեր էին շպրտում մեզ վրա, ցատկում էին ներքև, խառնակույտի մեջտեղը, և կռվում էին կատաղաբար, մինչև արյան վերջին կաթիլը։ Հնդկացիներն ընկրկեցին, և եթե մեր հրացանների կրակը չլիներ, որը հսկայական վնաս էր պատճառում թշնամուն, ոչ մի բան նրանց ետ չէր պահի փախուստից։ Սակայն առաջնորդը նորից համախմեց իր ռազմիկներին և այնպիսի թափով գրոհի տարավ նրանց, որ այժմ արդեն մարդակապիկներն էին ստիպված նահանջելու։ Սամերլին անզեն էր, բայց ես գնդակ գնդակի ետևից էի ուղարկում, իսկ աջ թևից նույնպես անընդհատ կրակոց էր լսվում։
Վերջապես խուճապը համակեց կապիկներին։ Ոռնալով ու ճղճղալով, նրանք դեսուդեն ընկան, իսկ մեր դաշնակիցները վայրի աղաղակներով նետվեցին նրանց ետևից։
Այդ օրը պետք է հատուցեր մարդուն այն գժտությունների համար, որոնք չէին դադարում դարեդար, այն բոլոր դաժանությունների ու հալածանքների համար, որով հարուստ էր նրա աղքատիկ պատմությունը։ Այսուհետև նա դառնում էր սարահարթի տերը, իսկ մարդագազանը պետք է մեկընդմիշտ գրավեր իրեն արժանի ենթակայական տեղը։
Ինչպես էլ որ սլանում էին պարտվածները, այնուամենայնիվ ոչ մի բան նրանց չէր կարող փրկել հնդկացիներից։ Թավուտ անտառը շարունակ թնդում էր հաղթական ճիչերից, նետերի սուլոցից և ծառերից վայր ընկնող մարմինների խուլ թրմփոցից։
Ես վազում էի բոլորի հետ, երբ հանկարծ դեմ առա լորդ Ջոնին և Չելենջերին, որոնք մեզ էին փնտրում։
― Դե, վերջացած է, ― ասաց լորդ Ջոնը։ ― Եզրափակիչ մասը կարելի է թողնել հնդկացիներին։ Տեսարանը հաճելի չի լինի։ Որքան քիչ տեսնենք, այնքան ավելի հանգիստ կլինենք։
Չելենջերի աչքերը վառվում էին մարտական կրակով։
― Բարեկամներ, մեզ բախտ վիճակվեց ներկա գտնվել այն ճակատամարտերից մեկին, որոնք որոշում են պատմության հետագա ընթացքը, աշխարհի ճակատագիրը, ― ազդարարեց նա՝ հպարտ տեսքով ետ ու առաջ քայլելով մեր առաջ։ ― Ի՞նչ է նշանակում մի ժողովրդի հաղթանակը մյուսի նկատմամբ։ Պարզապես ոչինչ։ Նա դրությունը չի փոխում։ Բայց դաժան մարտերը այն ժամանակների արշալույսին, երբ քարայրաբնակները հաղթում էին վագրերին կամ երբ փիղն առջին անգամ իմացավ, որ ինքը տեր ունի՝ ահա դրանք իսկական նվաճումների էին, իսկական հաղթանակներ, որոնք հետք են թողնում պատմության մեջ։
Ինչպիսի՜ հավատ պետք էր ունենալ նման ջարդերի վերջնական նպատակահարմարության մասին, արդարացնելու համար դրանց դաժանությունը։
Անտառում քայլելիս ամեն քայլափոխում հանդիպում էինք կապիկների դիակների, որոնք խոցված էին հնդկացիների նետերով ու նիզակներով։ Մարդկային այլանդակված մարմինները ցույց էին տալիս առանձնապես տաք գոտեմարտի վայրերը, երբ թշնամին իր կյանքը թանկ էր վաճառել։ Առջևից շարունակ լսվում էին ճիչ ու ոռնոցներ, որոնցով մենք հետևում էինք հետապնդման ուղղությանը։ Մարդակապիկներին քշում էին դեպի իրենց քաղաքը, որտեղ նրանք հավաքեցին իրենց վերջին ուժերը։ Բայց ճնշվեցին։ Մենք վրա հասանք ճիշտ ժամանակին, որպեսզի ներկա գտնվենք եզրափակիչ ահավոր տեսարանին։ Հնդկացիները կռվում փրկված մոտ հարյուր կապիկների քշեցին քարափի եզրին գտնվող այն նույն այն բացատը, ոըը երկու օր առաջ վկա էր եղել մեր սխրագործություններին։ Մենք մոտեցանք այն րոպեին, երբ հաղթողները, նիզակները պատրաստ պահած, այդ խումբն առան կիսաշրջանի մեջ։ Ամեն ինչ վերջացավ մի քանի վայրկյանում։ Երեսուն֊քառասուն կապիկ փռվեցին տեղնուտեղը։ Մնացածները ճղավում էին, պաշտպանվում, բայց դա ոչնչով չօգնեց գործին։ Կապիկներին նետեցին անդունդ, ուր նրանք արժանացան իրենց նախկին զոհերի բախտին՝ դեմ առնելով սուր֊սուր բամբուկներին, որոնք աճում էին ներքևում, վեց հարյուր ոտնաչափ խորությամբ։
Չելենջերն իրավացի էր՝ այսուհետև մարդն ընդմիշտ իր իշխանությունը հաստատեց Մեպլ֊Ուայտի Երկրում։ Կապկացեղի արուները մինչև վերջ ոչնչացվեցին, նրանց քաղաքն ավերվեց, էգերն ու ձագերը գերություն քշվեցին։ Վերջին արյունալի մարտը վերջ դրեց մարդու և կապկի դարավոր ներքին պատերազմին։
Այդ հաղթանակը մեզ ևս նեղ տեղից հանեց։ Մենք վերադարձանք Չելենջերի ամրոցը, այնտեղ թողնված պաշարների մոտ, և կապ հաստատեցինք մեր նեգրի հետ, որը մահու չափ վախեցել էր, տեսնելով, թե կապիկներն ինչպես են կարկուտի նման թափվում անդունդ։
― Հեռացե՛ք էդտեղից, հեռացեք, ― ձայն էր տալիս նա, սարսափից աչքերը չռած։ ― Էստեղ դև, նա ձեզ կկործանի։
― Նեգրի բերանով ճշմարտությունն է խոսում, ― համոզված ասաց Սամերլին։ ― Բավական են արկածները, մանավանդ, որ նրանք իրենց բնույթով բոլորովին մեր աստիճանի մարդկանց համար չեն։ Չելենջեր, հիշեցնում եմ ձեզ ձեր խոսքերը։ Այսուհետև դուք պետք է մտածեք միայն այն մասին, թե ինչպես դուրս գանք այս ահավոր երկրից և վերադառնանք քաղաքակրթված աշխարհ։
Գլուխ XV «Մեր աչքերի առաջ այնքան հրաշքներ բացվեցին»
Օրեցոր առաջ եմ տանում օրագիրս և այնուամենայնիվ սպասում այն րոպեին, երբ կարելի կլինի գրել, որ մեր գլխին կախված ամպերը ցրվեցին, ու արևը դուրս նայեց նրանց միջից։ Մինչև հիմա չգիտենք, թե այստեղից ինչպես դուրս գանք, և դառնորեն գանգատվում ենք ճակատագրից։ Բայց և այնպես ես բոլորովին պարզ պատկերացնում եմ, որ երբևէ շնորհակալությամբ կհիշենք այս հարկադրական հապաղման մասին, որը հնարավորություն տվեց դիտելու Մեպլ֊Ուայտի Երկրի նորանոր հրաշքները և նրա բնակիչների կյանքը։
Հնդկացիների հաղթանակը մարդակապիկների ցեղի դեմ մեկեն փոխեց մեր վիճակը։ Այդ օրվանից մենք դարձանք սարահարթի իսկական տերերը, որովհետև բնիկները երկյուղով ու շնորհակալությամբ էին նայում մեզ, հիշելով, որ մեր հրաշագործ ուժը օգնեց նրանց հաշիվ տեսնելու իրենց վաղեմի թշնամիների հետ։ Նրանք, հավանորեն, դեմ չէին լինի, եթե այդ հզոր ու հանելուկային արարածները բոլորովին հեռանային սարահարթից, բայց ըստ երևույթին վայրէջքի ճանապարհը անհայտ էր նրանց։ Որքան հաջողվեց հասկանալ նրանց նշաններից, սարահարթն առաջ դաշտավայրի հետ կապված էր եղել թունելով, որի ներքևի ծայրը մենք տեսել էինք լեռնապարը շրջանցելիս։ Անհիշելի ժամանակներում այդ ճանապարհով սարահարթ էին բարձրացել մարդակապիկներն ու հնդկացիները, իսկ ոչ այնքան առաջ նրանցից օգտվել էր Մեպլ֊Ուայտն իր ընկերոջ հետ։ Բայց մի տարի առաջ այստեղ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, և թունելի վերևի մասը պինդ խցանվել էր ժայռի բեկորներով։ Երբ մենք ցանկություն հայտնեցինք իջնել ներքև, հովիտը, հնդկացիները միայն ուսերը թոթվեցին ու բացասաբար շարժեցին գլուխները։ Արդյոք իսկապե՞ս նրանք չէին կարող մեզ օգնել, թե՞ չէին ուզում՝ դժվար է ասել։
Հաղթական արշավից հետո հնդկացիները ողջ մնացած կապիկներին քշեցին սարայարթի մյուս ծայրը (աստվա՛ծ իմ, ճամփին նրանք ինչպե՜ս էին ոռնում) և բնակեցրին իրենց քարայրներից ոչ հեռու։ Այդ օրվանից կապիկների ցեղը դարձավ մարդու լիակատար ստրուկը։
Գիշերային լռության մեջ հաճախ էին լսվում երկար ու ձիգ աղաղակները որևէ նախնադարյան Եզեկիայի, որը ողորմ էր իր երբեմնի փառքը և կապկային քաղաքի երբեմնի մեծությունը։ Այսուհետև նվաճված կապիկները պետք է գոհանային իրենց տիրոջ՝ մարդու մոտ փայտահատների ու ջրկիրների համեստ դեր կատարելով։
Ճակատամարտից երկու օր հետո նորից կտրեցինք սարահարթը և ճամբար զարկեցինք կարմիր ժայռերի ստորոտում։ Հնդկացիներն առաջարկեցին տեղավորվել քարայրներում, բայց լորդ Ջոնը չհամաձայնեց, գտնելով, որ եթե նրանք որևէ դավ նյութեն մեր դեմ, ապա մենք ամբողջովին նրանց իշխանության տակ կլինենք։
Գերադասեցինք չկորցնել մեր անկախությունը և, ամենալավ հարաբերություններ պահպանելով դաշնակիցների հետ, համենայն դեպս զենքը պատրաստ էինք պահում։ Հաճախ էինք լինում նրանց քարայրներում, բայց այնպես էլ չպարզեցինք, թե հնդկացիներն ո՞ւմ էին պարտական այդ հիանալի կացարանով՝ իրենք իրե՞նց, թե բնությանը։ Քարայրները փորված էին միևնույն բարձրության վրա, ինչ֊որ փխրուն ապարում, որը տարածվել էր հրաբխային ծագում ունեցող կարմրավուն բազալտի և ամուր գրանիտի միջև։ Վերջինս ծառայում էր իբրև ապառաժների հիմք։
Քարայրները գտնվում էին գետնից մոտավորապես ութսուն ոտնաչափ բարձրության վրա, դեպի նրանց մուտքերը տանում էին քարե աստիճաններ, այնքան նեղ ու թեք, որ ոչ մի խոշոր կենդանի չէր կարող բարձրանալ դրանցով։ Ներսում տաք էր ու չոր։ Քարայրները տարբեր խորությամբ էին մտնում ապառաժների մեջ․ նրանց հարթ, գորշ պատերին ձգվում էին ածխափայտիներով նկարած սքանչելի պատկերներ, կենդանիներ, որոնք ապրում էին սարահարթում։ Եթե Մեպլ֊Ուայթի երկրում ոչ մի կենդանի արարած չմնար, ապագա հետազոտողը այդ քարայրների պատերին սպառիչ տեղեկություններ կգտներ նրա տարօրինակ ֆաունայի մասին, քանի որ այնտեղ կար ամեն ինչ՝ և դինոզավր, և՛ իգուանադոններ, և՛ թեփամորթների բոլոր տեսակները։
Իմանալով, որ հիմա իգուանադոնները հնդկացիների մոտ ձեռնասուն կենդանիներ կամ ավելի ճիշտ մի տեսակ քայլող մսի պահեստներ են համարվում, մենք կարծում էինք, թե մինչև իսկ այնպիսի անկատար զենքերի առկայությամբ, ինչպիսիք են նիզակը և նետ֊աղեղը՝ մարդն իր լիակատար տիրապետությունն է հաստատել սարահարթում։ Սակայն շուտով համոզվեցինք, որ դա ճիշտ չէ, որ առայժմ նրանց այստեղ հանդուրժում են միայն։
Դրաման տեղի ունեցավ քարայրների մոտ մեր տեղափոխվելուց երկու օր հետո։ Չելենջերն ու Սամերլին առավոտից գնացել էին լճի մոտ, ուր բնիկները հարպուններով խոշոր թեփամորթներ էին որսում նրանց համար։ Ես ու լորդ Ջոնը մնացել էինք ճամբարում։ Մեզնից ոչ հեռու, քարայրների առաջ, կանաչապատ զառիվայրին երևում էին գործով զբաղված հնդկացիներ։ Հանկարծ հարյուրավոր ձայներ զիլ կանչեցին․ «Ստո՛ա, ստո՛ա»։ Մեծ ու փոքր ամեն կողմից նետվեցին դեպի քարայրները և իրար հրհրելով սկսեցին քարե աստիճաններով մագլցել դեպի վեր։
Հասնելով իրենց կացարանները նրանք ձեռքները թափահարեցին՝ հրավիրելով մեզ որքան կարելի է շուտ միանալ նրանց։ Մենք խլեցինք հրացանները և վազեցինք պարզելու, թե ինչ է պատահել։ Իսկ այդ պահին փոքրիկ պուրակից ամբողջ թափով դեպի մեզ էին վազում տասը֊տասնհինգ հնդկացիներ, որոնց կրնկակոխ հետապնդում էին երկու հրեշ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսին հին ճամբարում հայտնված մեր անկոչ հյուրն էր, և իմ գիշերային հետապնդողը։ Նրանք առաջ էին շարժվում ցատկումներով և նման էին հսկա, նողկալի դոդոշների։ Մինչև այժմ մենք այդ հսկաներին տեսել էինք միայն մթության մեջ, որովհետև նրանք գիշերն են որսի ելնում, իսկ ցերեկն իրենց որջերից դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ նրանց անհանգստացնում են, ինչպես այս անգամ։ Կանգնել էինք՝ ապշահար մեր առաջ բացված տեսարանից։ Այդ հրեշների պուտ֊պուտ գորտնուկավոր մաշկը արևի տակ փայլփլում էր բոլոր գույներով, շողում ինչպես ձկնաթեփուկ։ Ասենք, մեզ երկար դիտել չվիճակվեց, որովհետև այդ վիթխարի դոդոշները մի քանի թռիչքով հասան դժբախտ հնդկացիներին․․․ Եվ այստեղ սկսվեց մի զարհուրելի բան։ Իրենց ողջ ծանրությամբ փլվելով ամենամոտիկ զոհի վրա, նրանք թողին նրան՝ ճզմված, այլանդակված, և նետվեցին հաջորդի ետևից։ Հնդկացիները վայրի աղաղակներով սլանում էին դեպի քարայրները, բայց չկարողացան ազատվել հետապնդողներից։ Նրանք կործանվում էին իրար ետևից, և այն պահին, երբ լորդ Ջոնն ու ես օգնության հասանք, նրանց ողջ խմբից հազիվ հինգ֊վեց հոգի էր մնացել։ Ասենք, մենք ոչ միայն չօգնեցինք նրանց, այլև քիչ մնաց ինքներս էլ զոհվեինք։ Գնդակ գնդակի ետևից խրվում էր այդ արարածների մարմնի մեջ, նույնպիսի ազդեցություն թողնելով, ինչպես եթե մեր հրացանները լցված լինեին թղթե գնդիկներով։ Բայց չէ՞ որ մենք կրակում էինք մի երկու հարյուր քայլից։ Վիթխարի սողունները վերքերից չէին վախենում, իսկ ուղեղային կենտրոնական ապարատի բացակայությունը նույնիսկ ամենաժամանակակից զենքը դարձնում էր անօգուտ նրանց դեմ կռվելիս։ Միակ բանը, որ մեզ հաջողվեց, այդ կրակոցների ձայնով ու կրակի բռնկումներով նրանց ուշադրությունը գրավելն էր, որը հնարավորություն տվեց թե՛ մեզ, թե՛ հնդկացիներին վազել մինչև փրկարար աստիճանները։
Բայց այնտեղ, ուր քսաներորդ դարի պայթուցիկ գնդակներն անզոր էին, ստիպված էինք հույս դնել վայրենիների թունավոր նետերի վրա, որոնք թաթախված էին ստրոֆանտի[41] մեջ և որոնց դիաթույն էր քսած։ Այդպիսի նետերը որսի ժամանակ անօգուտ էին, որովհետև մինչպատմական հրեշների արյան շրջանառությունն այնքան դանդաղ է կատարվում, որ նրանք սովորաբար կարողանում են հասնել ու պատառոտել զոհին, նախքան թույնի ներգործությունը։ Բայց այժմ դրությունն այլ էր․ հենց որ մեզ հետապնդողները հասան այրերը տանող քարե աստիճաններին, քարափի յուրաքանչյուր ճեղքից սուլոցով թռան նետերը։ Հրեշների վրա ասես փետուրներ բսնեցին, բայց, ինչպես երևում է, առաջին րոպեներին ցավը չէր զգացվում, քանի որ նրանք շարունակում էին անզոր կատաղությամբ վեր մագլցել սանդուղքով, չկամենալով որսը բաց թողնել։ Դժվարությամբ մի քանի աստիճան հաղթահարելուց հետո, նրանք իսկույն էլ ցած գլորվեցին։ Բայց ահա թույնն սկսեց ներգործել։ Գազաններից մեկը խուլ կերպով ոռնաց և տափակ, հսկայական գլուխը սեղմեց գետնին։ Երկրորդը սուր ձայնով կողկոնձաց, մի քանի անհեթեթ թռիչքներ գործեց, ապա գալարվելով ընկավ առաջինի կողքին և շուտով նույնպես լռեց։ Հնդկացիները խմբով դուրս թափվեցին այրերից և ցնծագին ճիչերով շրջապատեցին դիակները՝ տոնելով երկու վտանգավոր թշնամիների դեմ տարած հաղթանակը։
Այդ միսն ուտել չէր կարելի, քանի որ թույնը շարունակում էր ներգործել։ Նույն գիշերն իսկ հնդկացիները երկու դիակն էլ կտոր֊կտոր արին և տարան անտառ, որպեսզի այնտեղի օդը չվարակվեր։ Քարայրների մոտ մնացին միայն երկու հսկայական սրտեր, յուրաքանչյուրը մի բարձի չափ․ դրանք ապրում էին ինքնուրույն կյանքով, դանդաղ ու ռիթմիկ սեղմվելով ու ընդարձակվելով, և այդ գարշելի բաբախումը շարունակվեց մեկ օր, երկու օր ու դադարեց միայն երրորդ օրը։
Երբ ես իսկական սեղան կունենամ և ոչ թե դրան փոխարինող պահածոյի տուփ, և գրելու ավելի լավ պարագաներ, քան կրծած մատիտի կտորն է ու մի֊միակ քրքրված ծոցատետրը, այն ժամանակ մանրամասն կնկարագրեմ ակկալա ցեղի հնդկացիներին, մեր կյանքը նրանց հետ և Մեպլ֊Ուայտի կախարդական Երկիրը, որը քիչ առ քիչ մեր առջև բացում էր իր հրաշալիքները։ Հիշողությունս ինձ չի դավաճանի, մանկության առաջին տպավորությունների հետ միասին այնտեղ մինչև իմ օրերի վերջը կպահպանվի սարահարթում անցկացրած յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր ժամը, և ուրիշ ոչ մի բան դուրս չի մղի այդ հիշողությունները։ Կգա ժամանակ, և ես կնկարագրեմ այն լուսնային գիշերը կենտրոնական լճում, երբ հնդկացիները ցանցով որսացին մի ջահել իխտիոզավրի,[42] որը նման է ոչ այն է փոկի, ոչ այն է երեքաչքանի ձկան, ըստ որում երրորդ աչքը գտնվում էր գագաթին, իսկ մյուս երկուսը պաշտպանված էին ոսկրյա թիթեղիկներով։ Նույն գիշեր ջրային կանաչ մի օձ եղեգնուտից նետի պես դուրս թռավ դեպի մեզ, իր օղակների մեջ առավ Չելենջերի նավակի ղեկը վարողին և մտավ ջրի տակ։
Չեմ մոռանա պատմել նաև այն արտասովոր սպիտակ արարածի մասին, ― մինչև այսօր էլ չգիտենք, թե դա ի՞նչ էր՝ սողո՞ւն թե՞ գազան, ― որն ապրում էր կենտրոնական լճից արևելք ընկնող հոտած ճահճում և գիշերները թափառում էր թփերի մեջ՝ թույլ ֆոսֆորային լույս արձակելով։ Հնդկացիներն այնպես էին վախենում նրանից, որ նույնիսկ մոտ չէին գնում այդ ճահճին, իսկ մենք երկու անգամ եղանք այնտեղ, հեռվից տեսանք այդ գազանին, բայց խրուտների վրայով չկարողացանք հասնել նրան։ Կասեմ միայն, որ նա կովից մեծ էր և տհաճ թթվահոտ էր արձակում։
Իմ ապագա գրառումներում կգտնեք նաև հիշատակություն մի վիթխարի, արագավազ թռչնի մասին, որի ձեռքից մի անգամ Չելենջերը ազատվեց ժայռերի տակ թաքնվելով։ Նա ջայլամից շատ ավելի բարձր էր․ գանգի նման այլանդակ գլուխը նստած էր երկար, մերկ պարանոցին։ Երբ Չելենջերը քարերի վրայով մագլցում էր վերև, նա իր կեռ կտուցի մի հարվածով, ինչպես դուրով, պոկեց նրա կրունկը։ Բայց այս անգամ ժամանակակից զենքն իրեն չխայտառակեց․ տասներկու ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի ֆորորակոսը[43] (ցնծացող պրոֆեսորը, որը դեռ ինչպես հարկն է շունչը ետ չէր բերել, հայտնեց արդեն նրա անունը) տապալվեց գետնին, խոցված լորդ Ջոնի գնդակից։ Նա ջղաձգորեն ցնցում էր ոտքերը՝ փետուրի ամպեր բարձրացնելով ու չհեռացնելով մեզանից դեղին աչքերի ցասկոտ կրակով վառվող հայացքը։ Ինչպե՜ս կուզեի ապրել մինչև այն օրը, երբ այս կատաղի, տափակ գլուխը մյուս որսավարի հետ կգրավի իր տեղը Օլբենիի աշխատասենյակում։
Ի վերջո, հարկ կլինի հիշատակել անպայման տոքսոդոնին[44] ― տասը ոտնաչափ բարձրություն ունեցող ծովային հսկա խոզին՝ դուրս ընկած սուրը ատամներով, որին մի անգամ լուսադեմին խփեցինք ջուր խմելիս։
Ժամանակին այս ամենը կպատմեմ ավելի մասնրամասն և մեր արկածների հետ միասին սիրով կնկարագրեմ ամառային այն հրաշալի գիշերները, երբ չորս բարեկամներով պառկում էինք անտառի եզրին որևէ տեղ, մեզ անհայտ վառ ծաղիկների մեջ և, հյութեղ պտուղներով ծանրաբեռնաված ճյուղերի միջից նայելով վերև, զարմանում բարձր երկնքի կապույտում ճախրող արտասովոր թռչուններով, ապա հայացքներս դարձնում էինք խիտ խոտերին ու հետևում այն տարօրինակ արարածների շարժումներին, որոնք դուրս էին սողում իրենց բներից մեզ նայելու․ կնկարագրեմ այն երկար լուսնային գիշերները, երբ մենք նավակներով լողում էինք լճի մեջտեղը և ակամա վախով դիտում նրա փայլուն մակերեսը․ ահա ինչ֊որ ֆանտաստիկ հրեշ դուրս նետվեց՝ լայն օղակներ առաջացնելով ջրի երեսին․․․ ահա մութ խորությունը լուսավորվեց կանաչավուն լույսով, որը նշում է մի նոր, մեզ անհայտ արարածի ուղին․․․ Ես այս պատկերները կհիշեմ բոլոր մանրամասնություններով, և երբևէ իմ հիշողությունն ու գրիչը պատշաճը կհատուցեն դրանց։
Բայց դուք հավանորեն կհարցնեք, թե ինչպես կարող էինք զբաղվել նման դիտողություններով, երբ անհրաժեշտ էր գիշեր֊ցերեկ քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու միջոցներ որոնել։ Կպատասխանեմ, որ բոլորս էլ դրա վրա գլուխ էինք կոտրում, բայց իզուր։ Միայն մի բան պարզվեց՝ հնդկացիների օգնության վրա հույս դնել չէր կարելի։ Նրանք մեր բարեկամներն էին և համարյա ստրկական անձնվիրությամբ էին վերաբերում մեզ, բայց հենց որ խոսք էինք գցում օգնության մասին, որպեսզի որևէ երկար տախտակ քարշ տային քարափի մոտ կամ կաշիներից ու լիանաներից ճոպան գործեին, իսկույն մեզ լռեցնում էին մեղմ, բայց վճռական մերժումով։ Հնդկացիները ժպտում էին, աչքով անում մեզ, գլուխներն օրորում, և գործը դրանից այն կողմ չէր գնում։ Նույնիսկ ծերունի առաջնորդը տեղի չէր տալիս, և միայն նրա որդի Մարետասն էր տխուր նայում սպիտակ մարդկանց ու նշաններով իր անկեղծ համակրանքն արտահայտում։
Կապիկների հետ ունեցած ճակատամարտից հետո հնդկացիները նայում էին մեզ վրա իբրև գերմարդկանց, որոնք հաղթանակի երաշխիքը կրում էին իրենց խորհրդավոր, մահ շնչող խողովակներում, և կարծում էին, որ քանի մենք իրենց հետ ենք, բախտը նրանց չի դավաճանի։ Մեզ առաջարկեցին կարմրամորթ կանայք ձեռք բերել և սեփական քարայրներ սարքավորել, միայն թե մոռանայինք մեր ժողովուրդը ու ընդմիշտ մնայինք սարահարթում։ Առայժմ ամեն ինչ անցնում էր հանգիստ ու խաղաղ, բայց գիտեինք, որ հարկավոր է մեր պլանները գաղտնի պահել, այլապես, այդ մասին իմանալով, հնդկացիները կարող էին ուժով պահել մեզ իրենց մոտ։
Չնայած դինոզվրերին հանդիպելու հնարավորության (ասենք այդ վտանգն այնքան էլ մեծ չէր․ ինչպես ասվեց վերևում, նրանք գլխավորապես գիշերներն էին որսի դուրս գալիս), վերջին երեք շաբաթվա ընթացքում ես երկու անգամ գնացի մեր հին ճամբարը՝ Սամբոյին տեսնեուլու, որն առաջվա նման մնացել էր իր դիրքում, սարահարթի ստորոտին։ Աչքերս ագահորեն սահում էին անծայր հարթավայրով մեկ՝ այնտեղից սպասվող օգնության հույսով։ Բայց կակտուսներով ծածկված արձակ դաշտն ամայի էր և ոչ մի բան չէր խախտում նրա միօրինակությունը մինչև այնտեղից հազիվ նկատելի բամբուկի մացառուտների պարիսպը։
― Նրանք շուտով գալ, միստր Մելոուն։ Մի շաբաթ էլ սպասեք։ Հնդկացիներ գալ ճոպաններով, ձեզ իջեցնել էդտեղից։ ― Այսպես սրտապնդում էր ինձ մեր հիանալի Սամբոն։
Երկրորդ անգամ գիշերեցի հին ճամբարում, իսկ առավոտյան վերադառնալիս ինձ մի անակնկալ էր սպասում։ Քայլում էի ծանոթ ճամփով և արդեն հեռու չէի պտերոդակտիլների ճահճից, երբ արջևս թփերի միջից հանկարծ երևաց ինչ֊որ տարօրինակ առարկա։ Մոտիկից նայեցի պարզվեց, որ դա մարդ է․ նա քայլում էր, հագած պատյանի կամ եղեգնե վանդակի նման մի բան, որը նրան պաշտպանում էր ամեն կողմից։ Որքա՜ն եղավ զարմանքս, երբ ճանաչեցի, որ դա լորդ Ջոն Ռոքստոնն էր։ Ինձ տեսնելով՝ նա դուրս եկավ այդ անհեթեթ սարքի միջից ու ծիծաղեց, բայց նրա տեսքը մի փոքր շփոթված էր։
― Այդ դո՞ւք եք, երիտասարդ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Այսպիսի հանդիպում բոլորովին չէի սպասում։
― Այստեղ ի՞նչ եք անում, ― հարցրի ես։
― Այցելության եմ եկել իմ բարեկամ պտերոդակտիլներին, ― հանգիստ պատասխանեց նա։
― Ինչի՞ համար։
― Հետքրքիր գազանիկներ են, միայն թե խիստ անհյուրնկալ։ Ասենք դուք էլ գիտեք, թե նրանք ինչպես են դիմավորում անկոչ այցելուներին։ Ես էլ ահա այս զամբյուղն եմ պատրաստել, որպեսզի պաշտպանվեմ նրանց գուրգուրանքներից։
― Բայց ի՞նչ եք ուզում այդ ճահճից։
Լորդ Ջոնը փորձող հայացքով նայեց ինձ, և ես հասկացա, որ ինչ֊որ կասկածներ տանջում են նրան։
― Ձեր կարծիքով, հետաքրքրությունը հատուկ է միայն պրոֆեսորի կոչում ունեցող մարդկա՞նց, ― վերջապես ասաց նա, ― Ուսումնասիրում եմ այդ սիրելի էակներին, ահա և բոլորը։ Այսպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է։
― Ներեցեք, ― ասացի ես։
Բայց բարեհոգությունը այս անգամ էլ չդավաճանեց լորդ Ջոնին։ Նա ծիծաղեց։
― Մի նեղացեք, երիտասարդ։ Ուզում եմ Չելենջերի համար մի փոքրիկ ձագուկ ձեռք բերել։ Դա իմ գլխավոր խնդիրն է։ Ոչ, շնորհակալ եմ, ձեր օգնությունը հարկավոր չէ։ Այս վանդակի մեջ ես ոչ ոքից չեմ վախենում, իսկ դուք անպաշտպան եք։ Դե, ցտեսություն, սպասեցեք ինձ երեկոյան դեմ։
Նա իր անհեթեթ զամբյուղը քաշեց գլխին, շուռ եկավ ու քայլեց դեպի անտառ։
Եթե լորդ Ջոնի վարմունքը մի փոքր տարօրինակ էր այդ օրերին, ապա ի՞նչ ասել Չելենջերի մասին։ Հարկ է նշել, որ մեր պրոֆեսորն ինչ֊որ ձգողական ուժ ուներ հնդկուհիների համար, ուստի ստիպված էր միշտ արմավենու մի մեծ ճյուղ պահել մոտը, որով նա ճանճերի նման քշում էր իր երկրպագուներին, երբ նրանք արդեն իրենց ուշադրությամբ չափից դուրս նեղում էին նրան։ Պատկերացրեք, թե դա ինչպիսի տեսարան էր, թերևս ամենակոմիկականը այն ամենից, ինչ բախտ վիճակվեց տեսնելու Մեպլ֊Ուայտի Երկրում։ Թաթերը տարբեր կողմեր դնելով՝ Չելենջերն ընթանում էր իշխանության խորհրդանիշը ձեռքին, իսկ նրա ետևից, ինչպես օպերետային սևամորուք սուլթանի, ձգվում էր հնդկացի աղջիկների շքախումբը, բուսական բարակ թելից հյուսած հագուստները հագներին։
Ինչ վերաբերում է Սամերլիին, ապա նա գլխովին թաղված էր Մեփլ֊Ուայտ Երկրի միջատների ու թռչունների ուսումնասիրության մեջ և ամբողջ իր ժամանակն անց էր կացնում ձեռք գցած օրինակները պատրաստելով (եթե չհաշվենք այն ժամերը, որոնք գնում էին կռիվ մղելու Չելենջերի հետ, որն իբր թե չէր ուզում մեզ դուրս բերել դժվարին դրությունից)։
Չելենջերը սովորություն էր դարձրել ամեն առավոտ չքանալ և միայն կեսօրին վերադառնալ այնպիսի հաղթական տեսքով, ասես թե նրա ուսերին էր ծանրացած ինչ֊որ չափազանց կարևոր գործի պատասխանատվության բեռը։
Մի գեղեցիկ օր, չբաժանվելով արմավենու ճյուղից, նա մեզ տարավ իր հետ և բացատրեց իր գաղտնի ծրագիրը։
Դուրս եկանք արմավենիների պուրակի միջև ընկած մի փոքրիկ բացատ և տեսանք մեկն այն ցեխի հեյզերներից, որոնց մասին արդեն խոսել եմ։ Չորս կողմ թափված էին իգուանադոնի կաշվից կտրած բազմաթիվ փոկեր․ այդտեղ ընկած էր նաև թաղանթի մի մեծ կտոր։ Վերջում պարզվեց, որ դա ոչ այլ ինչ է, քան եթե ձկնանման թեփամորթի քերված ու չորացված ստամոքս։ Չորս կողմից կարված այդ կաշվի մեջ փոքրիկ ծակեր էին թողնված բամբուկի կտրվածքների համար, որոնց հակառակ ծայրերը միացված էին ցեխի ձագարներին։ Այդ ձագարներն իրենց մեջ էին ամբարում այն գազը, որը պղպջակներով անջատվում էր տաք հեյզերից։ Շուտով նստած ստամոքսն սկսեց կամաց֊կամաց ուռչել և վեր բարձրանալու այնքան ակնհայտ մտադրություն ցույց տալ, որ Չելենջերն ստիպված էր նրան օղակող փոկերը կապել ծառերին։ Կես ժամ հետո նա վերածվեց իսկական օդապարիկի և դատելով նրանից, թե այդ փուչիկն ինչպես էր գոտիները ձգում դեպի վեր, նրա ամբարձի ուժը շատ մեծ էր։ Չելենջերը լուռ նայում էր իր հանճարի ստեղծագործությանը և ինքնագոհությամբ մորուքը շոյում՝ ոչ ավել, ոչ պակաս երջանիկ հայր, որը հիանում է իր առաջնեկով։
Երկարող լռությունը խզեց Սամերլին։
― Մի՞թե դուք պատրաստվում եք առաջարկել մեզ այս բանով վեր բարձրանալ, ― սառցային տոնով հարցրեց նա։
― Առայժմ պատրաստվում եմ ձեր առաջ ցուցադրել սրա հզորությունը, սիրելի Սամերլի, արպեսզի այդ ուղղությամբ ոչ մի կասկած չունենաք։
― Այդ դեպքում խորհուրդ եմ տալիս մտքներիցդ հանել այդ անմտությունը, ― վճռական տոնով ասաց Սամերլին։ ― Ոչ մի կերպ ինձ չեք հարկադրի համաձայնել նման խելագարության հետ։ Լորդ Ջոն, հուսով եմ, որ դուք չեք պաշտպանի այս արկածախնդրությունը։
― Սրամի՛տ բան է, ― ասաց մեր ղեկավարը։ ― Հետաքրքիր կլիներ գործողության մեջ տեսնել սա։
― Հիմա կտեսնեք, ― ասաց Չելենջերը։ Վերջին օրերս ես լարել էի մտքիս բոլոր ուժերը, որպեսզի լուծեի այստեղից դուրս պրծնելու հարցը։ Մենք արդեն համոզվել ենք, որ սեպ ժայռերով իջնելն անհնարին է, իսկ թունելն այլևս գոյություն չունի։ Ժայռի վրա կամուրջ նետել անկասկած չի հաջողվի։ Այդ դեպքում ի՞նչ անել։ Մի անագամ ես ասացի մեր պատանի բարեկամին, որ այս հեյզերներն ազատ վիճակում ջրածին են զատում։ Այստեղից տրամաբանորեն ծագեց օդապարիկի միտքը։ Խոստովանում եմ, որ ինձ մի փոքր շփոթում էր դրա համար թաղանթ գտնելու հարցը, բայց երբ աչքիս ընկան այստեղի սողունների հսկայական փորոտիքները, սյլևս կասկածներս վերացան։ Եվ ահա իմ ջանքերի արդյունքները։
Նա մի ձեռքը դրեց իր պատռտված բաճկոնակի եզրին, իսկ մյուսը հպարտությամբ առաջ պարզեց։
Մինչ այդ փուչիկը վերջնականապես կլորացավ, և փոկերն արդեն հազիվ էին պահում նրան։
― Զառանցանք, մաքուր զառանցանք, ― փնչացրեց Սամելին։
Բայց լորդ Ջոնը հիացած էր Չելենջերի մտքից։
― Ա՛յ թե գլուխ ունի մեր ծերուկը, ― շշնջաց նա ինձ։ Ապա բարձրաձայն ասաց, ― իսկ զամբյուղ որտեղի՞ց կգտնենք։
― Այժմ կմտածեմ զամբյուղի մաին։ Արդեն որոշ նկատառումներ ունեմ այդ առթիվ։ Իսկ առայժմ ցույց տամ, որ իմ ապարատն ի վիճակի է բարձրացնելու մեզ։
― Ուզում եք ասել բոլորիս միասի՞ն։
― Ո՛չ, մենք կիջնենք իրար ետևից, ոնց որ պարաշյուտով։ Ետ բարձրաբալու սարքը դեռ կմտածեմ։ Եթե իմ ապարատը մի մարդու ծանրության դիմանա և զգուշությամբ ցած իջեցնի նրան, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Հիմա կփորձենք։
Նա քարշ տվեց բազալտի մի բավական մեծ բեկոր և կապեց այն նույն լարով, որի օգնությամբ մենք բարձրացել էինք բրգաձև ժայռի վրա։ Լարը հարյուր ոտնաչափ երկարություն ուներ և չնայած հաստ չէր, բայց խիստ ամուր էր։ Հետո մեզ ցույց տրվեց երկար թելերով կաշվե վզնոցի նման մի բան։ Չելենջերն այդ վզնոցը հագցրեց օդապարկի վրա, ցած կախված թելերն հավաքեց այնպես, որպեսզի բեռան ծանրությունը հավասարաչափ բաշխվի ամբողջ մակերեսին, բազալտի բեկորը կապեց դրանց, իսկ լարի ծայրը փաթաթեց իր ձեռքին։
― Հիմա ցույց կտամ իմ օդապարիկի բեռնունակությունը, ― ասաց նա՝ նախօրոք ճաշակելով իր հաղթանակը, և այդ խոսքերով կտրեց ամուր ձգված փոկերը։
Դեռ երբեք մեր արշավախումբն այդքան մոտ չէր եղել կործանման։ Գազով լցված թաղանթը սրընթաց նետվեց վեր, իր հետ տանելով Չելենջերին։ Ես հազիվ հասցրի գրկել նրա իրանը և նույնպես օդ բարձրացա։ Լորդ Ջոնն ասես աքցաններով կառչեց իմ ոտքերից և թռավ մեր ետևից։ Մի վայրկայն երևակայությանս մեջ այսպիսի տարօրինակ տեսարան պատկերացավ․ չորս խիզախ ճանապարհորդներ նրբերշիկի դրասանգի նման կախվել են մի երկրի վրա, որի գաղտնիքները ջանում էին բաց անել։ Բայց բարեբախտաբար, լարի ամրությունն ինչ֊որ սահման ուներ, մի բան, որ ըստ երևույթին, չէր կարելի ասել այդ սատանայական ապարատի բարձրացնող ուժի մասին։ Մի ճթթոց լսվեց, և մեր եռյակը քարի պես ցած ընկավ։ Խճճվելով կտրատված թելերի մեջ, դժվարությամբ ելանք ոտքի և տեսանք, թե բազալտի բեկորն ինչպես սրնթաց բարձրանում է վեր, հազիվ նկատելի կետի պես սևի տալով վառ երկնքում։
― Փայլուն է, ― բացականչեց անվհատ Չելենջերը՝ շփելով ճմլված ձեռքը։ ― Փորձն ավելի քան լավ հաջողվեց։ Ինքս էլ այդպիսի հաջողության հույս չունեի։ Ջենտլմեններ, խոստանում եմ, նոր օդապարիկը պատրաստ կլինի մի շաբաթից հետո, և մենք նրանով բոլորովին հանգիստ կկատարենք հայրենիք վերադառնալու ճամբորդության առաջին էտապը։
Մինչև այստեղ օրագրիս գրառումները կատարում էի դեպքից դեպք, իսկ այժմ, երբ ոչինչ չի սպառնում մեզ, երբ բոլոր ձախորդությունները մնացին ետևում, ինչպես երազ, պատմությունը ավարտում եմ կարմիր ապառաժների ստորոտի այն նույն ճամբարում, որտեղ Սամբոն սպասում էր մեզ։
Վայրէջքը կատարվեց առանց բարդությունների, բայց ո՞վ կարող էր ենթադրել, թե ամեն ինչ այդպես կստացվի։ Մեկուկես֊երկու ամիս հետո կլինենք Լոնդոնում, և թերևս իմ նամակը մեզնից այնքան էլ շուտ չհասնի այնտեղ։ Բոլոր մտքերով ու զգացմունքներով արդեն տանն ենք, հարազատ քաղաքում, որտեղ յուրաքանչյուրիս համար այնքա՜ն թանկագին ու սիրելի բան է մնացել։
Մեր ճակատագրի մեջ բեկում կատարվեց այն օրը, երբ Չելենջերն իր ինքնաշեն օդապարիկի վտանգավոր փորձն արեց։ Արդեն ասել եմ, որ միակ մարդը, որը համակրում էր սարահարթից հեռանալու մեր փորձերին, մեր փրկած պատանին էր՝ ծեր առաջնորդի որդին։ Նրա խիստ արտահայտիչ շարժումներից հասկացանք, որ նա չի ուզում կամքներիս հակառակ մեզ պահել օտար երկրում։
Այդ երեկո արդեն մթնով, Մարիետասն աննկատելի թափանցեց ճամբար, ինձ պարզեց ծառի կեղևի ոչ մեծ մի փաթեթ (չգիտես ինչու նա միշտ գերադասում էր գործ ունենալ ինձ հետ, գուցե նրա համար, որ մենք մոտավորապես տարեկիցներ էինք), ապա վեհապանծորեն ձեռքով արեց՝ ցույց տալով քարայրները, հանդիսավոր կերպով մատը դրեց շրթունքներին՝ ի նշան լռության և նույնպես աննկատ վերադարձավ յուրաինների մոտ։
Ես ավելի մոտ նստեցի խարույկին, և մենք ուշադիր զննեցինք ինձ հանձնված փաթեթը։ Ծառի կեղևի այդ մի ոտնաչափ քառակուսի կտորի ներսում, սպիտակ երեսին, ածուխով գծիկներ էին քաշված, որոնք հիշեցնում էին պարզունակ նոտագրություն։
Ուշադրություն դարձրի՞ք, թե նա ինչ բազմանշանակ տեսք ուներ, ― հարցրի ընկերներիս։ ― Սա մեզ համար ինչ֊որ խիստ կարևոր բան է։
― Իսկ միգուցե այդ վայրենին որոշել է մի լավ կատակ անել մեզ հետ, ― ասաց Սամերլին։ ― Հավանորեն, մարդու զարգացումն սկսվում է այդպիսի տարրական զվարճություններից։
― Սա ինչ֊որ ծածկագիր է, ― ասաց Չելենջերը։
― Կամ ռեբուս, ― շարունակեց լորդ Ջոնը, նայելով իմ ուսի վրայից, և հանկարծ կեղևը ձեռքիցս խլեց։ ― Ազնի՛վ խոսք, կարծես թե ես գլխի եմ ընկնում։ Երիտասարդն իրավացի է։ Նայեցեք։ Քանի՞ գիծ կա այստեղ։ Տասնութ։ Իսկ ինչքա՞ն քարայր կա զառիվայրի այն կողմը։ Նույնպես տասնութ։
― Իսկապես։ Ախր նա հենց այն կողմն էլ ցույց տվեց, ― ասացի ես։
― Ուրեմն, ճիշտ է։ Սա այրերի հատակագիծն է։ Տեսեք, ընդամենը տասնութ գծիկ՝ կան երկարները, իսկ մի քանիսը երկճյուղվում են։ Մեկի տակ խաչ կա։ Ինչո՞ւ։ Հավանորեն, որպեսզի առանձնացնի այրերից մեկը, որը մնացածներից ավելի խորն է։
― Միջանցի՛կ, ― գոչեցի ես։
― Ըստ երևույթին մեր պատանի բարեկամն իրավացի է, ― պաշտպանեց ինձ Չելենջերը։ ― Այլապես ինչո՞ւ պետք է հնդկացին սա խաչով նշեր։ Չէ՞ որ նա բոլոր հիմքերն ունի բայրացակամ վերաբերվելու մեր հանդեպ։ Բայց եթե քարայրն իրոք միջանցիկ է և մյուս կողմից դուրս է գալիս նույնպիսի բարձրության վրա, ապա այնտեղ մինչև գետին հարյուր ոտնաչափից ավելի չի լինի։
― Հարյուր ոտնաչափը դատարկ բան է, ― մռմռթաց Սամերլին։
― Բայց չէ՞ որ մեր լարն ավելի երկար է, ― բացականչեցի ես։ ― Մենք ցած կիջնենք առանց որևէ դժվարության։
― Իսկ հնդկացիների մոռացե՞լ եք, ― անձնատուր չէր լինում Սամերլին։
― Այդ քարայրներն անբնակ են, ― ասացի ես։ ― Դրանք ծառայում են իբրև պահեստներ ու ամբարներ։ Եկեք անմիջապես բարձրանանք այնտեղ և հետախուզություն կատարենք։
Սարահարթում աճում է մի ամուր, խեժառատ ծառ, մեր բուսաբանի ասելով, թեփատերև եղևնու մի տեսակը, որի ճյուղերը հնդկացիները օգտագործում են իբրև ջահեր։ Ամեն մեկս մի խտիտ այդպիսի ճյուղեր վերցրինք և մամռակալած աստիճաններով բարձրացանք պլանում խաչով նշված քարայրը։ Ինչպես և ենթադրում էի ես, նա անբնակ էր, եթե չհաշվենք բազմաթիվ հսկայական չղջիկներին, որոնք թևերի ուժգին թափահարումներով շարունակ պտտվում էին մեր գլխավերևում։ Չուզենալով հնդկացիների ուշադրությունը գրավել՝ մենք երկար թափառում էինք մթության մեջ, շոշափելով ինչ֊որ ոլորապտույտներ, անկյուններ, և միայն մուտքից բավական հեռանալուց հետո ջահերը վառեցինք։ Մեր աչքերի առաջ բացվեց հատկը չոր, սպիտակ մանրախճով ծածկված մի թունել՝ կամարակապ առաստաղով ու հարթ, գորշ պատերով, որոնք ծածկված էին կենդանիների նկարներով։ Արագ առաջ գնացինք և հանկարծ բոլորս մեկեն հիասթափված կանգ առանք․ մեր առաջ բարձրանում էր միակտուր քարե պատնեշ՝ ո՛չ ճեղք, ո՛չ պատռվածք, անգամ մկնիկը չէր կարող անցնել։ Այստեղ ելք չէր եղել։
Տխրությամբ նայեցինք մեր ճամփան փակող արգելքին։ Այդ պատը ոչնչով չէր տարբերվում թունելի կողքի պատերից, հետևաբար այստեղ փլվածք չէր կարող լինել․ ինչպես արդեն մեզ ծանոթ այն ստորերկրյա անցքում։ Սա իսկական փակուղի էր, ուրիշ ոչինչ։
― Մի վշտացեք, բարեկամներ, ― ասաց անվհատ Չելենջերը։ ― Չէ՞ որ ես խոստացել եմ երկրորդ օդապարիկը պատրաստել։
Սամերլին տնքաց։
― Միգուցե ուրի՞շ քարայր ենք մտել, ― ասացի ես։
― Թողեք, երիտասարդ։ ― Լորդ Ջոնը մատը տարավ պլանի վրայով։ ― Աջից տասնութերորդ քարայրը, նույն ինքը ձախից երկրորդը։ Ոչ, սխալ չէր կարող լինել։
Նայեցի խաչին և հանկարծ ուրախությունից գլուխս կորցրած բղավեցի․
― Գտա՛, գտա՛, եկեք իմ ետևից, շուտ։ ― Եվ ջահը բարձր բռնած՝ ետ վազեցի։ ― Ահա այստեղ, ― և ցույց տվի ավազին ընկած վառված լուցկիները, ― ահա այստեղ վառեցինք ջահերը։
― Միանգամայն ճիշտ է։
― Բայց չէ՞ որ նկարում պարզ ցույց է տրված, որ քարայրը ճյուղավորվում է։ Նշանակում է, մթության մեջ պարզապես բաց ենք թողել այդ տեղը։ Քայլենք աջ կողմից, և համոզված եմ, որ անցքը կգտնենք։
Ինչպես ասացի, այնպես էլ դուրս եկավ։ Երեսուն քայլից հետո պատի մեջ սևին տվեց մի մեծ անցք։ Մտանք այդտեղով և դուրս եկանք մի ավելի լայն թունել։ Անհամբերությունը մեզ առաջ էր քշում։ Եվս մի հարյուր քայլ, երկուսը, երեքը․․․ և հանկարծ առջևում երևաց մի կարմրավուն լույս։ Այդ ի՞նչ կարող էր լինել։ Հավասար, անթարթ լույսը փակում էր մեր ճամփան։ Քայլներս արագացրինք։ Այդ կրակից ջերմություն չէր զգացվում։ Ամեն ինչ խաղաղ էր, ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն․․․ Լուսեղեն ծածկոցը չէր չքանում, և նրա արծաթավուն փայլը ողողել էր թունելը՝ սպիտակ ավազը վերածելով շողշողուն ալմաստի։ Ավելի մոտեցանք, և վարագույրի եզրը հստակորեն կլորացավ մեր աչքերի առաջ։
― Երդվո՛ւմ եմ, դա լուսինն է, ― գոչեց Ջոնը։ ― Ազա՛տ ենք, բարեկամներ, ազա՜տ։
Եվ իսկապես, լեռնապարի մյուս կողմը դուրս եկող անցքից լուսավորում էր լիալուսինը։ Անցքը մեծ չէր, լուսամուտի չափ, բայց այդքանն էլ մեզ հերիք էր։ Դուրս նայելով այնտեղից՝ տեսանք, որ վայրէջքն առանձնապես դժվար չի լինի և գետինն այնքան հեռու չէ։ Սարահարթը շրջանցելիս, իհարկե, մեզ երբեք չէր հաջողվի այդ անցքը նկատել։ Ո՞ւմ մտքով կանցներ վերելքի տեղ փնտրել հատկապես այստեղ, ցած կախված ժայռերի միջև։ Մենք համոզվեցինք, որ հնարավոր կլինի լարով ցած իջնել և երջանիկ վերադարձանք ճամբար՝ մյուս օրվա երեկոյին պատրաստվելու համար։
Հարկավոր էր գործել գաղտնի և առանց դանդաղելու, որովհետև վերջին րոպեին իսկ հնդկացիները կարող էին մեզ ետ պահել։ Որոշեցինք թողնել մեր ողջ հանդերձանքը, բացի հրացաններից ու փամթուշտներից։ Ճիշտ է, Չելենջերն ուներ մի քանի խոշոր իրեր, որ ուզում էր ինչ կերպ լինի վերցնել իր հետ, և դրանցից մեկն առանձնապես շատ հոգս պատճառեց մեզ։ Բայց առայժմ այդ մասին ծավալվել չեմ կարող։
Օրն անսահման երկար տևեց, բայց ահա, վերջապես, մութն ընկավ։ Ամեն ինչ պատրաստել էինք։ Ամեն տեսակ զգուշություն պահպանելով՝ մեր ունեցվածքը աստիճաններով վերև հանեցինք, կանգ առանք քարայրի մուտքի մոտ և մի վերջին հայացք նետեցինք հանելուկային, մեզ համար ռոմանտիկական մշուշով պատված այդ երկրի վրա, որը վախենամ շուտով հեղեղեն որսորդներն ու ամեն տեսակ հետազոտողները, մի երկիր, որտեղ մենք շատ խիզախեցինք, շատ բան կրեցինք ու շատ բան սովորեցինք՝ մե՛ր երկիրը, ինչպես այսուհետև միշտ սիրով անվանելու ենք այն։
Մեր ձախ կողմի հարևան քարայրները խարույկների ուրախ, կարմրավուն հրացոլքեր էին գցում խավարի մեջ։ Ներքևից լսվում էին հնդկացիների ձայները, ծիծաղն ու երգը։ Հեռվում բարձրանում էր թավուտ անտառի պատնեշը, իսկ նրա և քարափի միջև շողշողում էր մեծ լիճը՝ արտասովոր հրեշների կացարանը։ Ահա մթության մեջ հնչեց ինչ֊որ գազանի սուր կանչը։ Դա Մեպլ֊Ուայտի Երկրի կանչն էր, որ մեզ էր ուղարկում իր վերջին «ներիրը»։ Շուռ եկանք ու մտանք քարայր, որտեղով անցնում էր դեպի տուն տանող մեր ուղին։
Երկու ժամ հետո մենք մեր ողջ ունեցվածքի հետ լեռնապարի ստորոտում էինք։ Վայրէջքը բարեհաջող անցավ, եթե չհաշվենք Չելենջերի իրերի հետ ունեցած գլխացավանքը։ Ամբողջ բեռը թողնելով տեղում՝ թեթև ճամփա ընկանք դեպի Սամբոյի կայանը։ Որքա՜ն եղավ մեր զարմանքը, երբ վաղ առավոտի լույսով առաջներս բացվեց հարթավայր, որտեղ վառվում էր ոչ թե մեկ, այլ ամենաքիչը տասը խարույկ։ Այնուամենայնիվ փրկարար խումբը եկավ։ Նա բաղկացած էր Ամազոնի քսան հնդկացիներից, որոնք բերել էին ձողեր, ճոպաններ և այն ամենը, ինչ պահանջվում էր անդունդի վրա կամուրջ գցելու համար։ Հիմա որ այլևս ոչ մի դժվարություն չենք կրի բեռները Ամազոնի ափերը տեղափոխելիս, ուր շարժվելու ենք վաղը առավոտյան։
Սրանով, ճակատագրից գոհ, վերջացնում եմ իմ պատմությունը։ Մեր աչքերի առաջ այնքա՜ն հրաշքներ բացվեցին, հոգիներս մաքրվեցին՝ կոփվելով ծանր փորձություններում։ Մենք բոլորս, յուրաքանչյուրը յուրովի, ավելի լավ, ավելի լուրջ դարձանք։
Հնարավոր է, որ Պարայում ուշանանք, որովհետև հարկավոր է ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հետագա ճանապարհորդության համար։ Այդ դեպքում այս նամակը մի անդրատլանտյան ուղերթով ինձանից շուտ տեղ կհասնի։ Իսկ եթե իսկույն ճամփա ընկնենք, ապա սա մեզ հետ միասին Լոնդոնում կլինի։ Այսպես թե այնպես, թանկագին միստր Մակ֊Արդլ, հուսով եմ շուտով սեղմելու ձեր ձեռքը։
Գլուխ XVI «Դեպի փողո՛ց, դեպի փողո՛ց»
Ես իմ պարտքն եմ համարում խորին երախտագիտություն հայտնելու Ամազոնի մեր բոլոր բարեկամներին, որոնք այդպիսի սիրալիրությամբ ընդունեցին մեզ և այդքան ուշադիր եղան մեր հանդեպ։ Առանձին շնորհակալության են արժանի սինյոր Պենալոսան և բրազիլական կառավարության մյուս պաշտոնատար անձինք, որոնց օգնությունն ապահովեց մեր վերադարձը տուն, այլև սինյոր Պերեյրան Պարա քաղաքից, որը հեռատոսորեն պատրաստել էր հարդարանքի համար ամեն բան, այնպես որ այժմ մենք չենք ամաչի քաղաքակրթված աշխարհում երևալուց։
Դժբախտաբար մենք վատ հատուցեցինք մեր բարեկամներին իրենց հյուրընկալության համար։ Ինչ Արած։ Օգտվում եմ առիթից նրանց բոլորին հավաստիացնելու, որ եթե փորձեն մեր հետքերով գնալ Մեպլ֊Ուայտի Երկիրը, ապա դա կլինի միայն ժամանակի և միջոցների վատնում։ Մեր պատմություններում մենք փոխել ենք բոլոր անունները, և որքան էլ արշավախմբի հաշվետվություններն ուսումնասիրեք, միևնույն է, չի հաջողվի նույնիսկ մոտենալ այդ վայրերին։
Կարծում էինք Հարավային Ամերիկայում մեր նկատմամբ եղած բարձր հետաքրքրությունը շատ տեղական բնույթ ունի, բայց ով կարող էր ենթադրել, թե ինչ սենսացիա կառաջացնեն Եվրոպայում մեր արկածների մասին առաջին մշուշապատ լուրերը։ Բանից պարզվում է, որ մեզանով հետաքրքրվել է ոչ միայն այն գիտական աշխարհը, այլև լայն հասարակությունը, չնայած մենք այդ մասին համեմատաբար ուշ իմացանք։
Երբ «Իբեռնիա» շոգենավն արդեն հիսուն մղոնի վրա էր Սաուտհեմպտոնից, սկսեցինք զանազան թերթերից ու գործակալություններից հեռագիր հեռագրի ետևից ստանալ, որոնք վիթխարի հոնորարներ էին խոստանում մեզ՝ արշավախմբի արդյունքների մասին թեկուզ ամենակարճ հաղորդման համար։ Սակայն պարտքի զգացումը հակադրում էր ամենից առաջ հաշիվ տալ Կենդանաբանական ինստիտուտին, որը հանձնարարել էր այդ հետազոտությունը կատարել։ Խորհրդակցելով իրար հետ՝ մենք հրաժարվեցինք որևէ տեղեկություն հաղորդել մամուլին։ Սաունտհեմպտոնը վխտում էր ռեպորտյորներով, բայն նրանք մեզանից ոչինչ չստացան։ Ուստի հեշտ է պատկերացնել, թե հասարակությունն ինչպիսի հետաքրքրությամբ էր սպասում ժողովին, որը նշանակված էր նոյեմբերի յոթի երեկոյան։
Կենդանաբանական ինստիտուտի դահլիճը, այն նույն դահլիճը, որտեղ ստեղծեցին հետազոտող հանձնաժողով, ճանաչվեց ոչ այնքան տարողունակ, այնպես որ ստիպված եղան ժողովը տեղափոխել Ռիջենտ֊ստրիտի վրա, Կուինգ֊հոլլ։ Այժմ արդեն ոչ ոք չէր կասկածում, որ եթե կազմակերպիչները վերցնեին Ալբերտ֊հոլլը, ապա նա ևս չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին։
Նշանավոր ժողովը նշանակվեց մեր Լոնդոն վերադառնալու երկրորդ երեկոյան։ Ենթադրվում էր, որ առաջին օրն զբաղված կլինենք գործերով։ Իմ մասին առայժմ լռում եմ։ Կանցնի ժամանակ, և թերևս հեշտ կլինի մտածել ու նույնիսկ խոսել այդ բոլորի մասին։ Պատմությանս սկզբում ես ընթեցողին հայտնեցի, թե ինչ ուժեր գործողության դրեցին ինձ։ Այժմ, թերևս, անհրաժեշտ է ցույց տալ, թե այդ ամենն ինչով վերջացավ։ Բայց չէ՞ որ վերջապես կգա մի օր, երբ ես ինքս կասեմ, որ հարկ չկա ափսոսալու։ Ինչ֊որ ուժ ինձ մղեց դեպի այդ ուղին, և ես պարտական եմ իսկական արկածների արժեքը ճանաչելու համար։
Իսկ այժմ անցնում եմ մեր հերոսապատումը եզրափակող վերջին իրադարձությանը։ Երբ գլուխ էի կոտրում, թե ինչպես ավելի լավ նկարագրեմ այն, աչքիս ընկավ «Դեյլի֊գազետի» նոյեմբերի ութի համարը, որտեղ մանրամասն հաշվետվություն էր զետեղված Կենդանաբանական ինստիտուտի ժողովի մասին, գրված իմ բարեկամ ու կոլեգա Մակդոնայի կողմից։ Բերում եմ այն ամբողջությամբ, սկսած վերնագրերից․ չէ՞ որ միևնույն է, ավելի լավ անհնար է մտածել։ Իհարկե, մեր «Դեյլին», հպարտ նրնաով, որ արշավախմբին մասնակցել է նրա սեփական թղթակիցը, առանձնապես շատ տեղ էր հատկացրել Կենդանաբանական ինստիտուտի դեպքերին, բայց մյուս թերթերը ևս անուշադիր չէին թողել դրանք։
«Նոր աշխարհ» ― Բազմամարդ ժողով Կուինգ֊հոլլում։ Բուռն տեսարաններ դահլիճում։ Արտասովոր դեպք։ Ի՞նչ էր այդ։ Գիշերային ցույց Ռիջենտ֊ստրիտում։ (Մեր սեփական թղթակից)։
Կենդանաբանական ինստիտուտի վաղուց սպասված ժողովը, որտեղ լսվեց մի տարի առաջ Հարավային Ամերիկա ուղարկված հանձնաժողովի հաշվետվությունը, որը պետք է ստուգեր պրոֆեսոր Չելենջերի հայտնած տեղեկությունները՝ այդ մայրցամաքում առկա մինչպատմական կյանքի ձևերի մասին, կայացավ երեկ Կուինգ֊հոլլում, և մենք համարձակորեն կարող ենք ասել, որ այդ օրը կմտնի գիտության պատմության մեջ, որովհետև նրա իրադարձությունները այնքան արտասովոր ու սենսացիոն բնույթ ունեն, որ հազիվ թե երբևէ ջնջվեն ներկաների հիշողությունից։(Իմ գրչակից եղբայր Մակդոնա, ի՜նչ հրեշավոր կերպով երկար ներածական ֆրազ։)
Պաշտոնական հրավիրատոմսերը բաշխվել էին միայն ինստիտուտի անդամներին և նրանց մոտիկ անձերին, բայց, ինչպես հայտնի է, վերջին հասկացողությունը բավական առաձգական է, ուստի Կուինգ֊հոլլի մեր դահլիճը բերնեբերան լիքն էր ժողովի սկսվելուց շատ առաջ, որը նշանակված էր ժամը ութին։ Սակայն լայն հասարակությունը, առանց որևէ հիմքի իրեն վիրավորված համարելով, ոստիկանության հետ երկարատև ծեծկռտուքից հետո գրոհով վերցրեց դահլիճի դռները, որի ժամանակ տուժեցին մի քանի մարդ, այդ թվում տեսուչ Սկոբլը, որը ոտքի ջարդվածք ստացավ։ Ներառյալ նաև սույն խռովարարներին, որոնք գրավել էին ոչ միայն ազատ միջանցքները, այլև մամուլի ներկայացուցիչներին հատկացված տեղերը, ճանապարհորդների գալուն էին սպասում մոտավոր հաշվով հինգ հազար հոգուց ոչ պակաս մարդ։ Երբ նրանք, վերջապես, երևացին, նրանց առաջնորդեցին բեմ, ուր մինչ այդ հավաքվել էին ոչ միայն Անգլայի, այլև Ֆրանսիայի ու Գերմանիայի խոշորագույն գիտնականները։ Շվեդիան նույնպես ներկայացված էր հանձին նշանավոր կենդանաբան, Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր պարոն Սերգիուսի։ Օրվա չորս հերոսների երևալը դիմավորվեց օվացիայով, ամբողջ դահլիճը մեկ մարդու պես ոտքի կանգննեց և բացականչություններով ու ծափերով ողջունեց նրանց։ Սակայն ուշադիր դիտողն այդ հիացմունքի փոթորկում կարող էր ինչ֊որ աններդաշնակության նոտաներ որսալ և այստեղից եզրակացնել, որ ժողովն այնքան էլ խաղաղ չի ընթանալու։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ իրականում, ներկաներից ոչ ոք չէր կարող նախագուշակել։
Ոչ մի կարիք չկա այստեղ նկարագրել մեր չորս ճանապարհորդների արտաքինը, քանի որ նրանց լուսանկարները զետեղված են բոլոր թերթերում։ Ծանր փորձությունները, որ, ինչպես ասում են, կրել են նրանք, քիչ են ազդել արշավախմբի մասնակիցների վրա, չնայած նրանք մեր ափերից հեռանալիս այդքան սևացած չէին։ Պրոֆեսոր Չելենջերի մորուքը թերևս ավելի է փարթամացել, պրոֆեսոր Սամերլիի դիմագծերը մի փոքր ավելի չորացել, լորդ Ջոն Ռոքստոնը հազիվ նկատելի նիհարել է, բայց ընդհանրապես նրանց առողջությունը չէր կարող ավելի լավ լինել։ Իսկ ինչ վերաբերում է մեր թերթի ներկայացուցիչ, նշանավոր սպորտսմեն և միջազգային կարգի ռեգբի խաղացող Է․ Դ․ Մելոունին, սպս նա շատ լավ է, և նրա ազնիվ, բայց գեղեցկությամբ չփայլող դեմքը մի գլուխ շողում է բարեհոգի ժպիտից։ (Լա՜վ, Մակ, ձեռքս կընկնե՜ս):
Երբ լռությունը վերականգնվեց, և բոլորը նստեցին իրենց տեղերում, նախագահող հերցոգ Դարհեմսկին ճառով դիմեց ժողովին։ Հերցոգն իսկույն հայտարարեց, թե քանի որ ունկնդիրները հանդիպելու են ճանապարհորդներին, նա մտադիր չէ երկար զբաղեցնել նրանց ուշադրությունը և կռահել հետաքննության հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Սամերլիի զեկուցումը, հանձնաժողով, որի ջանքերը, դատելով եղած տեղեկություններից, պսակվել են փայլուն հաջողությամբ։ (Ծափահարություններ։) Ըստ երևույթին ռոմանտիկայի դարը չի անցել և բանաստեղծի վառ երևակայությունը դեռևս կարող ք հենվել գիտության ամուր պատվանդանի վրա։ Վերջում, ― ավելացրեց հերցոգը, ― ինձ մնում է միայն հայտնել իմ ուրախությունը, և այստեղ, անկասկած, բոլոր ներկա գտնվողները կպաշտպանեն ինձ, որ ջենտլմենները ողջ և առողջ են վերադարձել իրենց դժվարին ու վտանգավոր ճանապարհորդությունից, քանզի այդ արշավախմբի կործանմամբ գիտությունը համարյա անփոխարինելի կորուստ կունենար։ (Աղմկալի ծափահարություններ, որոնց միանում է նաև պրոֆեսոր Չելենջերը։)
Պրոֆեսոր Սամերլիի երևալն ամբիոնում նորից հիացմունքի փոթորիկ առաջացրեց։ Նրա ճառը շարունակ ընդհատվում էր ծափահարություններով։ Մենք բառացի չենք բերի այն, քանի որ արշավախմբի մանրամսն հաշվետվությունը, որը պատկանում է մեր թղթակցի գրչին, «Դեյլի֊գազետը» լույս է ընծայելու հատուկ բրոշյուրով։ Ուստի կբավարարվենք միայն պրոֆեսոր Սամերլիի զեկուցման համառոտակի շարադրմամբ։
Հիշեցնելով ժողովին, թե ինչպես առաջացավ արշավախումբ ուղարկելու միտքը, հռետորը պատշաճը մատուցեց պրոֆեսոր Չելենջերին և ներողություն խնդրեց նրանից՝ անցյալում նրա խոսքերին չհավատալու համար, որոնք այժմ լիովին հաստատվեցին, որից հետո ընդհանուր գծերով շարադրեց ճանապարհորդության երթուղին, խնամքով խուսափելով որևէ նշումից, որը կարող էր ծառայել իբրև տեղեկանք սարահարթի աշխարհագրական դիրքի մասին։ Այնուհետև պրոֆեսոր Սամերլին մի քանի խոսքով նկարագրեց Ամազոնի ափերից անցումը դեպի լեռնապարը և ունկնդիրներին ցնցեց արշավախմբի՝ սարահարթ բարձրանալու բազմաթիվ փորձերի պատմությամբ, որը վերջ ի վերջո հաջողվեց երկու նվիրված մետիս֊ուղեցույցների կյանքի գնով։ (Դեպքերի այդ անակնկալ մեկնաբանությամբ մենք պարտական էինք Սամերլիին, որն ուզում էր խուսափել որոշ փափկանկատ հարցերից։)
Ունկնդիրների հետ միասին բարձրանալով սարահարթ և ստիպելով նրանց զգալ, թե չորս ճանապարհորդների համար ինչ է նշանակում կամուրջի փլվելը, միակ կապը արտաքին աշխարհի հետ, պրոֆեսորն անցավ այդ արտասովոր երկրի սարսափների և հրաշալիքների նկարագրությանը։ Իր արկածների մասին նա քիչ խոսեց, բայց աշխատեց ամեն կերպ ընդգծել, թե զննելով սարահարթի կենդանական և բուսական աշխարհը, արշավախումբն ինչպիսի հարուստ ներդրում էր կատարել գիտության մեջ։ Միջատների աշխարհն այնտեղ առանձնապես հարուստ է կարծրաթևերով ու թեփուկաթևերով։ Մի քանի շաբաթվա ընթացքում արշավախմբին հաջողվեց որոշել առաջին ընտանիքի քառասունվեց տեսակ և երկրորդ ընտանիքի իննսունչորս տեսակ միջատներ։ Բայց, ինչպես և պետք էր սպասել, հասարակությունը գլխավորապես հետաքրքրվում էր խոշոր կենդանիներով, առանձնապես նրանցով, որոնք վաղուց մեռած են համարվում։ Պրոֆեսորը մինչպատմական այդպիսի հրեշների մի երկար ցուցակ թվեց՝ հավատացնելով ունկնդիրներին, որ այդ ցուցակն զգալիորեն կարող է լրացվել սարահարթի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Նրան ու նրա ուղեկիցներին հաջողվեց սեփական աչքերով տեսնել, ճիշտ է, մեծ մասամբ հեռվից, ամենաքիչը մի տասնյակ կենդանիներ, որոնք առ այսօր անհայտ են գիտությանը։ Ժամանակին նրանք, անշուշտ, ինչպես հարկն է կուսումնասիրվեն և կդասակարգվեն։ Իբրև օրինակ պրոֆեսորը բերեց հիսունմեկ ոտնաչափ երկարությամբ մուգ ծիրանագույն օձին, ինչ֊որ սպիտակ արարածի՝ ամենայն հավանականությամբ կաթնասուն, որը մթության մեջ ֆոսֆորային փայլ էր արձակում, և հսկայական սև թիթեռին, որի խայթոցները հնդկացիների ասելով թունավոր են։
Բացի կենդանի արարածների բոլորովին նոր տեսակներից, սարահարթը հարուստ է գիտությանը հայտնի մինչպատմական կենդանիներով, որոնցից մի քանիսին պետք է վերագրել վաղ յուրային շրջանին։ Այստեղ նա տվեց հսկա ստեգոզավրի անունը, որին մի անգամ միստր Մելոունը տեսել էր ջուր խմելիս։ Ճիշտ նույնպիսի գազան նկարված էր ամերիկացի նկարչի ալբոմում, որը թափանցել էր այդ անհայտ աշխարհը դեռևս արշավախմբից առաջ։ Պրոֆեսոր Սամերլին նկարագրեց նաև իգաուանադոնին ու պտերոդակտիլին՝ սարահարթում նրանց հանդիպած առաջին հրեշներին, և ունկնդիրներին ցնցեց՝ պատմելով աշխարհում ապրող ամենազարհուրելի գիշատիչների՝ դինոզավրերի մասին, որոնք շատ անգամ հետապնդել են արշավախմբի մերթ մեկ, մերթ մյուս անդամին։ Այնուհետև պրոֆեսորը մանրամասն խոսեց հսկա, դաժան թռչուն ֆորորակոսի և վիթխարի իշայծամների մասին, որոնք դեռևս հանդիպում են մեր երկրի սարահարթում։
Բայց ունկնդիրների հիացմունքը ծայրահեղ չափերի հասավ, երբ պրոֆեսորը հայտնեց նրանց կենտրոնական լճի գաղտնիքների մասին։ Լսելով այդ զգաստ գիտնականի հանդարտ խոսքը, ուզում էիր կսմթել ինքդ քեզ, համոզվելու համար, որ դա երազ չէ, որ դու արթուն վիճակում լսում ես եռաչք ձկնանման սողունների և ջրային վիթխարի օձերի մասին, որոնք ապրում են այլ հանելուկային խորություններում։
Այնուհետև նա անցավ բնիկների և մարդանման կապիկների նկարագրությանը, որոնք, ըստ երևույթին, հավանական պիտեկանտրոպի էվոլյուցիայի արդյունք են և, հետևաբար, ավելի քան կենդանական աշխարհի մի տեսակ, մոտենում են այն ենթադրական արարածին, որը գիտությանը հայտնի է իբրև «կապկի և մարդու միջև ընկած պակասոց օղակ»։
Վերջապես, պրոֆեսորն ուրախացրեց ունկնդիրներին՝ նկարագրելով մի սրամիտ, սակայն խիստ վտանգավոր օդագնացության ապարատ՝ պրոֆեսոր Չելենջերի գյուտը, և իր խիստ հետաքրքրական զեկուցման վերջում պատմեց, թե ինչ կերպ արշավախմբին հաջողվեց վերադառնալ քաղաքակիրթ աշխարհ։
Ենթադրվում էր, որ հենց դրանով էլ ժողովը կվերջանա և պրոֆեսոր Սերգիուսի առաջարկած բանաձևը հանձնաժողովի անդամներին շնորհակալություն հայտնելու առթիվ՝ պատշաճ ձևով կդրվի քվեարկության ու կընդունվի։ Սակայն ամեն բան սպասվածի պես հարթ չանցավ։ Ժողովի հենց սկսզբից հասարակության թշնամաբար տրամադրված մասը մի գլուխ իրեն զգացնել էր տալիս, իսկ երբ պրոֆեսոր Սամերլին իր զեկուցումը վերջացրեց, տեղից բարձրացավ Էդինբուրգի դոկտոր Ջեյմս Իլլինգվորտը և դիմեց նախագահին հետևյալ հարցով․
― Արդյոք մինչև բանաձևի քվեարկումը չպե՞տք է քննարկման դնել նրա մասին առաջարկվող ուղղումը։
Նախագահ։ ― Այո, սըր, եթե այդպիսին կա։
Դոկտոր Իլլինգվորտ։ ― Ձեռդ պայծառափայլություն, ես ուղղում ունեմ։
Նախագահ։ ― Այդ դեպքում հրապարակեցեք այն։
Պրոֆեսոր Սամերլի (վեր թռչելով տեղից)։ ― Ձեռդ պայծառափայլություն, թույլ տվեք հայտնել բոլորին ի գիտություն, որ այդ մարդը իմ անձնական թշնամին է դեռևս այն ժամանակվանից, երբ մենք բանավիճում էինք «Գիտական տեսություն» ամսագրի էջերում։
Նախագահ։ ― Անձնական կարգի հարցերը մեզ չեն վերաբերում։ Շարունակեցեք, դոկտոր Իլլինգվորտ։
Մեր ճանապարհորդների բարեկամներն այնպիսի աղմուկ բարձրացրին, որ ժամանակ առ ժամանակ դոկտոր Իլլինգվորտի ձայնը համարյա չէր լսվում։ Ոմանք փորձեցին նույնիսկ ցած քաշել նրան ամբիոնից։ Բայց ունենալով արտասովոր ուժ և հզոր ձայն՝ դոկտոր Իլլինգվորտը հաղթահարեց բոլոր խոչընդոտները և իր ճառը հասցրեց մինչև վերջ։ Այն րոպեից, ինչ նա տեղից բարձրացավ, բոլորի համար պարզվեց, որ նա դահլիճում շատ կողմնակիցներ ունի, որոնք ճիշտ է, փոքրամասնություն էին կազմում։ Զգալի մասը տրամադրված էր սպասողաբար և առայժմ չեզոքություն էր պահպանում։
Սկզբում դոկտոր Իլլինգվորտը պրոֆեսոր Չելենջերին և պրոֆեսոր Սամերլիին հավաստիացրեց նրանց գիտական գործունեության հանդեպ տածած իր խորին հարգանքի մասին, բայց այնուհետև ցավով հիշեց, որ չգիտես ինչու բանաձևի առթիվ իր ուղղումը բացատրում են ինչ֊որ անձնական շարժառիթով, մինչդեռ իրականում իրեն ղեկավարում է բացառապես ճշմարտության ձգտումը։ Ըստ էության նա այժմ գրավում է նույն դիրքը, ինչ֊որ անցյալ ժողովում պրոֆեսոր Սամերլին։ Այն ժամանակ պրոֆեսոր Չելենջերն առաջ քաշեց մի շարք թեզեր, որոնք կասկածի տակ առնվեցին իր կոլեգայի կողմից։ Այժմ նույն այդ կոլեգան հանդես է գալիս ճիշտ նույնպիսի պնդումներով և հույս է հայտնում, որ ոչ ոք դրանց դեմ չի առարկի։ Մի՞թե սա տրամաբանական է։ (Բացականչություններ․ «Այո, «Ոչ»։ Մամուլի ներկայացուցիչների համար առանձնացված օթյակում լսվում էր, թե ինչպես է պրոֆեսոր Չելենջերը նախագահից թույլտվություն խնդրում դոկտոր Իլլինգվորտին դահլիճից դուրս նետելու։) Մեկ տարի առաջ մի մարդ հույժ տարօրինակ բաներ էր պնդում։ Այժմ նույնը, և թերևս է՛լ ավելի մեծ չափերով, անում են չորս մարդ։ Բայց մի՞թե դա կարող է ծառայել իբրև վճռական գործոն այնտեղ, ուր խոսքը վերաբերում է գիտության մեջ համարյա հեղաշրջում կատարելուն։
Բոլորը հիշում են այն դեպքը, երբ մի խումբ ճանապարհորդներ վերադարձան հեռավոր, անհայտ երկրներից՝ տարածելով ամեն կարգի հեքիաթներ, որոնց մարդիկ մեծ հաճույքով հավատացին։ Մի՞թե Լոնդոնի Կենդանաբանական ինստիտուտը ևս ուզում է դյուրահավատի վիճակում լինել։ Հետաքննության հանձնաժողովի անդամները հույժ արժանավոր մարդիկ են, դա ոչ ոք չի կարող ժխտել։ Բայց մարդկային բնավորությունը չափազանց բարդ է։ Առաջ գնալու ցանկությունը կարող է ճամփից շեղել ամեն մի իսկական պրոֆեսորի։ Մենք բոլորս էլ թիթեռնիկների պես թռչում ենք դեպի փառքի կրակը։ Խոշոր որսի որսորդները դեմ չեն ճշմարտության դեմ մեղանչելուն, միայն թե իրենց ախոյաններին խոցեն, իսկ ժուռնալիստները այնքան սիրահար են ամեն կարգի սենսացիաների, որ յուրաքանչյուր քայլափոխում փաստորեն օգնության են կոչում իրենց հարուստ երևակայությունը։ Հանձնաժողովի ամեն մի անդամ կարող էր ունենալ իր մոտիվները, որոնցով առաջնորդվելով, նրանք ուռցրել են էքսպեդիցիայի արդյունքները։ («Խայտռակությո՜ւն․․․ Ամաչեցե՜ք»): Նա չէր կամենում ոչ ոքի վիրավորել։ (Սակայն վիրավորո՛ւմ եք»։ Դահլիճում աղմուկ։)․․․ Բայց բոլոր այդ հրաշքների հաստատման համար ներկայացված ապացույցները կրում են չափազանց անլուրջ բնույթ։ Ինչի՞ն են հանգում դրանք։ Մի քանի լուսանկարների։ Բայց մեր օրերում կեղծարարության արվեստն այնպիսի բարձր աստիճանի է հասել, որ չի կարելի միայն լուսանկարների վրա հույս դնել։ Ուրիշ ինչո՞վ են ուզում համոզել մեզ։ Շտապ փախուստի և լարով իջնելու պատմությամբ, որն իբրև թե արշավախմբի անդամներին խանգարել է հետներն այդ հրաշալի երկրի ֆաունայի ավելի խոշոր օրինակներ վերցնելու։ Սրամիտ է, բայց ոչ այնքան էլ համոզիչ։ Այստեղ ասվեց, թե լորդ Ջոն Ռոքստոնը ֆորորակոսի գանգ ունի իր մոտ։ Բայց ո՞ւր է։ Հետաքրքրիր կլիներ տեսնել այն։
Լորդ Ջոն Ռոքստոն։ ― Կարծես թե այդ մարդն ինձ մեղադրում է ստախոսության մե՞ջ։ (Դահլիճում աղմուկ։)
Նախագահ։ ― Լռությո՛ւն, լռությո՛ւն։ Դոկտոր Իլլինգվորտ, բարի եղեք ձևակերպելու ձեր ուղղումը։
Դոկտոր Իլլինգվորտ։ ― Ենթարկվում եմ, չնայած կուզենայի որոշ բաներ ևս ասել։ Եվ այսպես, իմ առաջարկությունը հանգում է հետևյալին․ շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Սամերլիին հետաքրքիր զեկուցման համար, սակայն նրա բերած փաստերը համարել չապացուցված, դրանց ստուգումը հանձնարարել մի այլ, մեր վստահությանն ավելի արժանի հանձնաժողովի։
Դժվար է նկարագրել, թե այդ ճառն ինչպիսի իրարանցում առաջացրեց դահլիճում։ Ներկաների մեծ մասը վրդովված էր մեծ ճանապարհորդների հասցեին արված այդպիսի զրպարտությունից, պահանջում էր․ «Կորչի՛ ուղղումը», «Մի՛ քվեարկեք այն», «Դո՛ւրս արեք նրան այստեղից»։ Միաժամանակ դժգոհները պաշտպանում էին դոկտոր Իլլինգվորտին և խլացուցիչ ձայներով բղավում․ «Այդ անազնվությո՜ւն է», «Նախագա՛հ, կարգի՛ հրավիրեք»։ Հետևի աթոռներին, ուր ուսանողներ էին նստած, կռիվ սկսվեց, գործի դրվեցին բռունցքները։ Միայն կանանց ներկայությունը կանխեց ընդհանուր տուրուդմփոցը։ Եվ հանկարծ, ճիչերը դադարեցին, դահլիճում լիակատար լռություն տիրեց։ Բեմում կանգնած էր պրոֆեսոր Չելենջերը։ Այդ մարդու արտաքինն ու ձևերը այնքան ազդեցիկ տպավորություն են թողնում, որ բավական է նա ձեռքը բարձրացնի, որպեսզի բոլորը նստեն իրենց տեղերը և պատրաստվեն լսելու։
― Այստեղ գտնվողներից շատերը հավանորեն հիշում են, ― սկսեց պրոֆեսոր Չելենջերը, որ նման անվայել տեսարան ներկայացվեց նաև մեր առաջին ժողովում։ Այն ժամանակ ինձ վիրավորողը պրոֆեսոր Սամերլին էր, և չնայած այժմ նա ուղղվել է ու մեղքերը խոստովանել, այնուամենայնիվ այդ միջադեպը չի կարող մոռացության տրվել։ Այսօր ես ստիպված էի է՛լ ավելի վիրավորական հարձակումներ լսել մի անձի կողմից, որը քիչ առաջ հեռացավ բեմից։ Ես մեծագույն ջանքեր եմ գործադրում ստիպելու ինձ՝ իջնել մինչև տվյալ անձի ինտելեկտուալ մակարդակը, բայց այդ անհրաժեշտ է ցրելու համար այն կասկածները, որ թերևս դեռ պահպանվում են ներկա գտնվողներից ոմանց մոտ։ (Ծիծաղ, աղմուկ, բացականչություններ հետևի շարքերից։)
Պրոֆեսոր Սամերլին հանդես եկավ այստեղ իբրև հետաքննության հանձնաժողովի նախագահ, բայց հազիվ թե հարկ կա հիշեցնելու, որ ամբողջ գործի իսկական ոգեշնչողը հանդիսանում եմ ես և որ մեր ճանապարհորդությունը հաջողությամբ պսակվեց գլխավորապես իմ շնորհիվ։ Այս երեք ջենտլմեններին ես հասցրի անհրաժեշտ վայրը և, ինչպես լսեցիք, համոզեցի նրանց, որ իմ պնդումներն իրավացի էին։ Մենք չէինք կարծում, որ մեր համատեղ հետևությունները ևս կվիճարկվեն նույնպիսի տգիտությամբ ու համառությամբ։ Բայց, խրատված դառը փորձից, այս անգամ ես զինվեցի որոշ ապացույցներով, որոնք կարող են համոզել յուրաքանչյուր ողջամիտ մարդու։ Պրոֆեսոր Սամերլին արդեն ասաց, որ մեր լուսանկարչական կամերաներն ընկան մարդակապիկների ձեռքը, որոնք մեր ողջ ճամբարն ավերեցին, և որ նեգատիվների մեծ մասը ոչնչացավ։ (Աղմուկ, ծիծաղ, հետևի աթոռից մեկը բղավում է․ «Պատմեցեք ձեր տատի՛ն»։) Ի դեպ, մարդակապիկների մասին։ Չեմ կարող չնշել, որ այժմ իմ լսողությանը հասնող ձայները վառ կերպով հիշեցնում են մեր հանդիպումները այդ հետաքրքրական արարածների հետ։ (Ծիծաղ։)
Չնայած շատ արժեքավոր նեգատիվներ ոչնչացվեցին, այնուամենայնիվ որոշ քանակությամբ լուսանկարներ մնացին մեզ մոտ, որոնցով լիովին կարելի է դատել կյանքի պայմանների մասին սարահարթում։ Ներկա գտնվողներից որևէ մեկը կասկածներ ունի՞ դրանց իսկական լինելում։ (Ինչ որ մեկի ձայնը․ «Այո, ունենք»։ Ընդհանուր հուզում, որը վերջանում է դահլիճից մի քանի մարդու դուրս բերելով։)
Նեգատիվները առաջարկաված են փորձագետների ուշադրության։ Հանձնաժողովը ուրիշ ի՞նչ ապացույցներ կարող էր ներկայացնել։ Նա ստիպված էր փախչել սարահարթից, ուստի չէր կարող որևէ բանով ծանրաբեռնել իրեն։ Սակայն պրոֆեսոր Սամերլիին հաջողվեց փրկել թիթեռների ու բզեզների իր հավաքածուն, որտեղ շատ նոր տարատեսակներ կան։ Մի՞թե դա բավական չէ։ (Մի քանի ձայներ․ «Ո՛չ, ո՛չ»։) Ո՞վ ասաց «ոչ»։
Դոկտոր Իլլինգվորտ (բարձրանալով տեղից)։ ― Մենք գտնում ենք, որ հավաքածուն կարելի էր կազմել որտեղ ասես, և ոչ թե անպայման ձեր մինչպատմական սարահարթում։ (Ծափեր)։
Պրոֆեսոր Չելենջեր։ ― Անկասկած, սըր, ձեզ նման խոշոր գիտնականի խոսքը մեզ համար օրենք է։ Սակայն թողնենք լուսանկարներն ու միջատաբանական հավաքածուն և անցնենք այն հարցերին որոնք երբեք ու ոչ մեկի կողմից չեն լուսաբանվել։ Մենք, օրինակ, միանգամայն ճշգրիտ տեղեկություններ ունենք պտերոդակտիլների մասին։ Այդ կենդանիների ապրելակերպը․․․ (Բացականչություններ․ «Դատարկ բա՛ն»։ Դահլիճում աղմուկ։) Ասում եմ այդ կենդանիների ապրելակերպը հիմա ձեզ համար բոլորովին պարզ կդառնա։ Իմ պորտֆելում մի նկար կա, որն արված է բնորդից, որի հիման վրա․․․
Դոկոտոր Իլլինգվորտ։ ― Նկարները մեզ ոչ մի բանում չեն համոզի։
Պրոֆեսոր Չելենջեր։ ― Դուք կուզենայիք տեսնել բուն կենդանո՞ւն։
Դոկտոր Իլլինգվորտ։ ― Անշուշտ։
Պրոֆեսոր Չելենջեր։ ― Եվ այն ժամանակ կհավատայի՞ք ինձ։
Դոկոտոր Իլլինգվորտ (ծիծաղելով): ― Այն ժամանա՞կ։ Դե, ի՜նչ խոսք։
Եվ այստեղ մենք մոտեցանք երեկոյի ամենահուզիչ և դրամատիկ էպիզոդին, որի էֆեկտը կմնա անգերազանցելի։ Պրոֆեսոր Չելենջերը բարձրացրեց ձեռքը, մեր կոլեգա միստր Է․ Գ․ Մելոունը իսկույն վեր կացավ տեղից և գնաց դեպի բեմի խորքը։ Մի րոպե հետո նա նորից հայտնվեց վիթխարահասակ մի նեգրի ուղեկցությամբ․ նրանք միասին բերում էին մի մեծ, քառակուսի արկղ, ըստ երևույթին խիստ ծանր։ Արկղը դրվեց պրոֆեսորի ոտքերի մոտ։ Հասարակությունը քարացավ՝ լարված հետևելով, թե ինչ է տեղի ունենում։ Պրոֆեսոր Չելենջերը հանեց արկղի շարժական կափարիչը, նայեց ներս և, մի քանի անգամ մատները ճթթացնելով ասաց գորովագին ձայնով (Ժուռնալիստական օթյակում նրա խոսքերը հիանալի էին լսվում)․ «Դե, դո՛ւրս արի, պստլիկ, դո՛ւրս արի»։ Լսվեց ինչ֊որ աղմուկ, ճանկռտոց, որից հետո անօրինակ, զարհուրելի ու նողկալի մի արարած դուրս եկավ արկղից ու նստեց նրա եզրին։ Անգամ հերցոգ Դարհեմսկու անսպասելի անկումը նվագախմբի մեջ սարսափահար հասարակության ուշադրությունը չշեղեց։ Այդ հրեշի մանրիկ, ածուխի պես վառվող աչքերը և գիշատիչ գլուխն ակամա ստիպեցին հիշել զարհուրելի քիմերներին, որոնք կարող էին ծնվել միայն միջնադարյան նկարիչների երևակայության մեջ։ Նրա կիսաբաց, երկար կտուցի վրա երկշարք շարված էին սուր ատամները։ Վեր ցցված ուսերը ծածկվել էին գորշ շալի ծալքերում։ Մի խոսքով, դա այն սատանան էր, որով մանկությանը վախեցնում էին մեզ։
Հասարակությունն ընկավ իրարանցման մեջ։ Ինչ֊որ մեկը ճչաց, առջևի շարքերում երկու կին ուշաթափվեցին։ Բեմում նստած գիտնականները ակնհայտ ձգտում էին ցույց տալիս նախագահի օրինակով նվագախմբի մեջ գլորվելու։ Թվում էր՝ մի վայրկյան ևս, և ընդհանուր խուճապը կհամակի ամբողջ դահլիճը։
Պրոֆեսոր Չելենջերը ձեռքը բարձրացրեց գլխից վեր՝ ջանալով հանգստացնել հասարակությանը, բայց այդ շարժումը վախեցրեց իր մոտ նստած հրեշին։ Նա ուղղեց գորշ շալը, որը ոչ այլ ինչ էր, բայց եթե մի զույգ թաղանթաթև։ Պրոֆեսորը բռնեց նրա ոտքերից, բայց պահել չկարողացավ։ Հրեշը վեր թռավ արկղի վրայից և սկսեց դանդաղ պտույտներ գործել դահլիճում՝ չոր խշշոցով թափահարելով տասը ոտնաչափանոց թևերը և ահավոր մի գարշահոտություն տարածելով շուրջը։ Այդ վառվող աչքերի ու նողկալի կտուցի մոտիկությունից մահու չափ վախեցած հասարակության ճիչերը լիակատար շփոթության մատնեցին հրեշին։ Նա սկսեց ավելի ու ավելի արագ դեսուդեն զարկվել դահլիճում, դեմ առնելով պատերին ու ջահերին, և, ինչպես երևում է, ահից բոլորովին խելագարվեց։ «Պատուհա՛նը, ի սեր աստծո, փակե՛ք պատուհանը», ― բղավեց պրոֆեսորը՝ վեր֊վեր թռչելով տեղում և ձեռքերը կոտրատելով։ Ավա՜ղ, նա շատ ուշ գլխի ընկավ։ Հրեշը, որ զարկվում էր պատեպատ, ինչպես հսկայական թիթեռը լամպի ապակուն, հավասարվեց պատուհանին, իր այլանդակ մարմնով խցկվեց նրա մեջ․․․ ու թե դրել ես, արի տար։ Պրոֆեսորը ձեռքով երեսը ծածկեց ու ընկավ բազկաթոռի մեջ, իսկ դահլիճը մեկ մարդու պես թեթևացած հառաչեց՝ համոզվելով, որ վտանգն անցած է։
Եվ այստեղ․․․ Բայց մի՞թե կարելի է նկարագրել, թե դահլիճում ինչ էր կատարվում, երբ Չելենջերի կողմնակիցների հիացմունքը և քիչ առաջվա հակառակորդների շփոթությունը ձուլվեցին ի մի, և ցնծության հզոր ալիքը ետևի շարքերից գլորվեց դեպի նվագախումբը, հարվածեց բեմին ու մեր հերոսներին բարձրացրեց իր կատարը։ (Կեցցե՛ս, Մակ։) Եթե մինչև այդ լսարանը անարդարացի էր գտնվել չորս խիզախ ճանապարհորդների նկատմամբ, ապա այժմ նա աշխատում էր իր մեղքը քավել։ Բոլորը վեր թռան տեղներից, շարժվեցին դեպի բեմ՝ գոռալով, թևերը թափահարելով։ Խիտ օղակով շրջապատեցին հերոսներին։ «Վե՛ր թռցնել նրանց, վե՛ր թռցնել», ― լսվեցին հարյուրավոր ձայներ։ Եվ ահա չորս ճանապարհորդները վերև թռան։ Ազատվելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Ասենք, որքան էլ նրանք ցանկանային ցած իջնել, չէին կարող, որովհետև մարդիկ միակտուր պատնեշի նման կանգնել էին բեմում։
«Դեպի փողո՛ց, դեպի փողո՛ց» ― ձայն տվին չորս կողմից։
Ամբոխը շարժման մեջ դրվեց, և մարդկային հեղեղը հանդարտ հոսեց դեպի դուռը՝ տանելով իր հետ չորս հերոսներին։ Փողոցում մի ինչ֊որ անհասկանալի բան սկսվեց։ Այստեղ հավաքվել էր հարյուր հազար մարդուց ոչ պակաս մի բազմություն։ Մարդիկ կանգնել էին ուս֊ուսի Լենհեմ֊օթելից մինչև Օքսվորդյան հրապարակը։ Հենց որ մուտքի մոտ վառ լապտերները լուսավորեցին ամբոխի գլխավերևում լողացող չորս հերոսներին, օդը թնդաց ողջույնի բացականչություններից․ «Թափորը դեպի Ռիջենտ֊ետրի՛տ», ― միահամուռ պահանջեցին բոլորը։ Փակելով փողոցը՝ շարասյունը Ռիջենտ֊ստրիտով շարժվեց առաջ դեպի Պելլ֊Մելլ, Սենտ֊Ջեյմս֊ստրիտ և Պիկադիլի։ Լոնդոնի կենտրոնում շարժումը կանգ առավ։ Մի կողմից ցուցարաների, մյուս կողմից ոստիկանության ու մեքենավարների միջև տեղի ունեցան մի շարք ընդհարումներ։ Վերջապես, արդեն կեսգիշերից հետո, ամբոխը չորս ճանապարհորդներին բաց թողեց, հասցնելով նրանց Օլբենի, լորդ Ջոն Ռոքստոնի բնակարանի դռների մոտ, հրաժեշտ տալով «Մեր փառապանծ ջահելները» երգով և ծրագիրը ավարտվեց հիմնով։ Այդպես վերջացավ այդ երեկոն՝ մեկն այն նշանակալից երեկոներից, որպիսին Լոնդոնը երբևէ տեսել է վերջին տասնամյակներում»։
Այսպես էր գրում իմ բարեկամ Մակդոնան։ Չնայած ծանր ոճին, դեպքերի ընթացքը բավական ճիշտ էր շարադրված այդ հաշվետվության մեջ։ Ինչ վերաբերում է ամենամեծ սենսացիային, ապա դա իր անսպասելիությամբ ապշեցրեց միայն հասարակությանը, բայց ոչ մեզ՝ արշավախմբի մասնակիցնեիս։ Ընթերցողը, անշուշտ, չի մոռացել իմ հանդիպումը լորդ Ջոն Ռոքստոնի հետ, երբ նա կրինոլինի նման ինչ֊որ բան քաշած վրան, գնում էր պրոֆեսոր Չելենջերի համար «ձագուկ» ճարելու։ Հիշեցեք նաև իմ ակնարկներն այն գլխացավանքի մասին, որ պատճառեց մեզ Չելենջերի ծանրոցը սարահարթից իջնելիս։ Եթե ես մտածեի պատմությունս շարունակել, ապա նրանում քիչ տեղ չէր հատկացվի մեր ոչ այնքան ախորժելի ուղեկցին, որին ստիպված էինք գոհացնել հոտած ձկնով։ Ես այդ մասին լռեցի, որովհետև պրոֆեսոր Չելենջերը վախենում էր, թե հանկարծ այդ անհերքելի փաստարկի մասին լուրերը չհասնեն հասարակության ականջին նախքան այն րոպեն, երբ նա կօգտվի նրանից իր հակառակորդների թոզը քամուն տալու համար։
Մի քանի խոսք լոնդոնյան պտերոդակտիլի մասին։ Այստեղ ոչ մի որոշակի բան չհաջողվեց պարզել։ Երկու ահաբեկյալ կանայք պնդում էին, թե իբր տեսել են նրան Կուինզ֊հոլլի տանիքին, ուր նա բազմել էր մի քանի ժամ, նման հրեշավոր քիմերի։ Հետևյալ օրը երեկոյան թերթերում երևաց այսպիսի բովանդակությամբ մի կարճ հաղորդում։ Գվարդիական Մայլզը, որը ժամապահ էր Մոլբորո֊հաուսում, թողել էր պոստը և դրա համար հանձնվել ռազմական դատարանին։ Դատավարության ժամանակ Մայլզը ցուցմունք էր տվել, թե գիշերային հերթապահության պահին նա պատահաբար նայել էր վերև և տեսել մի սատանա, որը ծածկել էր լուսինը։ Դրանից հետո նա հրացանը նետել էր ու փախել Պելլ֊Մելլ փողոցով։ Մեղադրյալի ցուցմունքները ուշադրության չէին առնվել, մինչդեռ դրանք կարող էին ուղղակի կապի մեջ լինել մեզ հետաքրքրող հարցի հետ։
Կավելացնեմ ևս մի վկայություն, որը քաղել եմ Ամերիկա֊հոլանդական գծի «Ֆրիսլանդ» շոգենավի մատյանից։ Այստեղ գրված է, որ հետևյալ օրվա առավոտյան ժամը իննին, երբ Ստարտ֊Պոյնտը տասը մղոնի վրա էր, նավի աջ կողմից, վերևում, հարավ֊արևվմտյան ուղղությամբ ահավոր արագությամբ սլացավ թևավոր այծի և հսկայական չղջիկի միջին մեծության մի արարած։ Եթե բնազդը մեր պտերոդակտիլին ճիշտ էր ցույց տվել ճամփան, ապա կասկած չի կարող լինել, որ նա իր վախճանը գտավ ինչ֊որ տեղ ատլանտյան օվկիանոսի ջրերում։
Հապա իմ Գլեդի՞սը։ Գլեդիսը, որի անունը տրվեց այն խորհրդավոր լճին և որն այսուհետև կկոչվի Կենտրոնական, որովհետև այլևս չեմ ուզում անմահություն պարգևել նրան։ Մի՞թե առաջ էլ ես այդ կնոջ բնավորության մեջ խստասրտության նշաններ չէի նկատել։ Մի՞թե չէի զգում, հպարտությամբ հնազանդվելով նրա հրամաններին, որ շատ բան չարժե այն սերը, որը մարդուն ուղարկում է հաստատ մահվան ընդառաջ կամ ստիպում կյանքը վտանգի ենթարկել։ Չէի՞ կռվում միթե այն աննահանջ մտքի հետ, որ գեղեցիկ է միայն այդ կնոջ արտաքին կերպարանքը, որ եսասիրության ու փոփոխամտության ստվերը մթագնում է նրա հոգին։ Ինչո՞ւ էր նա այդպես տարվում ամեն մի հերոսական արարքով։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ ազնիվ արարքի մեծությունը կարող էր արտացոլվել նաև նրա վրա, առանց իր կողմից որևէ ջանքի ու զոհաբերության։ Կամ միգուցե այս ամենը դատարկ, անհիմն ենթադրություննե՞ր են։ Գլուխս կորցրել էի այս բոլոր օրերի ընթացքում։ Ստացած հարվածը թունավորել էր հոգիս։
Բայց անցել էր մեկ շաբաթ, որի ընթացքում ես մի շատ լուրջ խոսակցություն ունեցա լորդ Ջոն Ռոքստոնի հետ․․․ Քիչ առ քիչ սկսում է թվալ, թե գործերն այնքան էլ վատ չեն։
Մի քանի խոսքով պատմեմ, թե ամեն բան ինչպես եղավ։ Սաուտհեմպտոնում ո՛չ նամակ կար իմ անունով, ո՛չ հեռագիր։ Դրանից անհանգստացած, նույն օրվա երեկոյան ժամը տասին ես արդեն կանգնել էի Ստրիտեմի փոքրիկ վիլլայի դռան առաջ։ Միգուցե նա այլևս կենդանի չէ՞։ Վաղո՞ւց է, որ ես երազում էի բաց գիրկ ժպտացող դեմք, ջերմ գովասանքներ, որ առանց հաշվի շռայլվում են սիրածի քմահաճույքներով կյանքը վտանգի ենթարկող հերոսի հասցեին։ Իրականությունն ամպերի բարձրունքից ինձ գետին շպրտեց։ Սակայն բավական է նրա մի խոսքը, որպեսզի ես նորից ճախրեմ դեպի ամպերը։ Եվ ես ամբողջ թափով սլացա պարտեզի ճամփով, ծեծեցի դուռը, լսեցի իմ Գլեդիսի ձայնը, մի կողմ հրեցի շփոթված աղախնին ու ներս ընկա հյուրասենյակ։ Նա նստած էր դաշնամուրի և բարձր լամպի միջև դրված փոքրիկ բազմոցին։ Սենյակը երեք քայլ արի ու նրա ձեռքերն առա իմ ձեռքերի մեջ։
― Գլե՛դիս, ― բացականչեցի ես։ ― Գլե՛դիս։
Նա զարմանքով նայեց ինձ։ Մեր վերջին հանդիպումից հետո նրա մեջ ինչ֊որ անորսալի փոփոխություն էր կատարվել։ Սառը հայացքը, ամուր սեղմված շրթունքները՝ այդ բոլորն ինձ նոր թվաց։ Գլեդիսն ազատեց իր ձեռքերը։
― Այս ի՞նչ է նշանակում, ― հարցրեց նա։
― Գլեդի՛ս, ― ձայն տվեցի ես։ ― Ձեզ ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դուք իմ Գլեդիսն եք, իմ սիրելի փոքրիկը, Գլեդիս Հանգերտոնը։
― Ո՛չ, ― ասաց նա, ― ես Գլեդիս Պոտս եմ։ Թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ ամուսնուն։
Կյանքի ինչպիսի՜ հիմար կատակ․․․ Ես ինձ որսացի մի փոքրիկ, կարմրաշեկ սուբյեկտի մեքենայորեն գլուխ տալիս ու ձեռքը սեղմելիս, սուբյեկտ, որը հարմար կերպով տեղավորվել էր այն խոր բազկաթոռում, որ մի ժամանակ ծառայում էր միայն ինձ։ Մենք գլխով արինք իրար և նայում էինք մեկմեկու ամենահիմար ժպիտով։
― Հայրիկը մեզ թույլատրել է առայժմ ապրել այստեղ։ Մեր տունը դեռ պատրաստ չէ, ― բացատրեց Գլեդիսը։
― Ահա թե ի՜նչ, ― ասացի ես։
― Մի՞թե դուք Պարայում իմ նամակը չեք ստացել։
― Ոչ, ես ոչ մի նամակ չեմ ստացել։
― Ափսոս։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ կլիներ ձեզ։
― Այնպես էլ ամեն բան պարզ է, ― քրթմնջացի ես։
― Ես ձեր մասին պատմել եմ Վիլյամին, ― շարունակեց Գլեդիսը։ ― Մենք իրարից գաղտնիք չունենք։ Շատ եմ ցավում, որ այսպես ստացվեց, բայց հավանորեն ձեր զգացմունքն այնքան էլ խոր չէր, եթե կարողացաք լքել ինձ այստեղ ու մեկնել ով գիտե աշխարհի որ ծայրը։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում։
― Ոչ, ինչ եք ասում, ինչ եք ասում․․․ Դե, թերևս, ես գնամ։
― Չե՞ք ուզում մեզ հետ թեյ խմել, ― առաջարկեց կարմրաշեկ սուբյեկտը, հետո ավելացրեց մտերմական տոնով։ ― Ահա, միշտ այդպես է լինում․․․ Ուրիշ ինչի՞ վրա կարելի է հույս դնել։ Երկու ախոյաններից հաղթում է միշտ մեկը։
Նա ծիծաղեց ապուշային ծիծաղով, և ես լավ համարեցի հեռանալ։
Հյուրասենյակի դուռն արդեն փակվել էր ետևիցս, երբ հանկարծ ասես մի բան ինձ ետ հրեց, և, ենթարկվելով այդ ներքին մղումին, վերադարձա իմ երջանիկ ախոյանի մոտ։ Նա իսկույն մի տագնապալի հայացք նետեց էլեկտրական զանգին։
― Պատասխանեցեք խնդրեմ մի հարցի, ― ասացի ես։
― Եթե դա թույլատրելի սահմաններում է, ինչ կա որ․․․
― Դուք ինչպե՞ս հասաք դրան․․․ Գա՞նձ եք գտել, բևե՞ռ հայտնաբերել, ծովահե՞ն եք եղել, թռել եք Լա֊Մանշի վրայո՞վ․․․ Ի՞նչ եք արել դուք։ Որտե՞ղ է նա, ռոմանտիկան։ Ինչպե՞ս հաջողվեց դա ձեզ։
Նա աչքերը չռել էր ինձ վրա։ Նրա բարեհոգի֊հիմարավուն, ողորմելի կերպարանքը լիակատար տարակուսանք էր արտահայտում։
― Լավ։ ― Եվս մի հարց, վերջինը, ― բացականչեցի ես։ ― Ո՞վ եք դուք, ի՞նչ մասնագիտություն ունեք։
― Ես աշխատում եմ Ջոնսոն և Մերիվիլլի նոտարական գրասենյակում իբրև նամակատար։ Հասցեն՝ Չենսերի֊Լեյն, տուն քառասունմեկ։
― Ցտեսությո՛ւն, ― բղավեցի ես, և, ինչպես վայել է անմխիթար հերոսին, կորա գիշերային խավարում՝ հուզված զայրույթից, վշտից և․․․ ծիծաղից։
Եվս մի կարճ տեսարան, և ես պատմությունս կավարտեմ։
Երեկ երեկոյան մենք բոլորս հավաքվեցինք լորդ Ջոն Ռոքստոնի մոտ և ընթրիքից հետո, սիգար ծխելով, մտերմական զրույցի ընթացքում երկար հիշում էինք մեր արկածները։ Ինձ համար տարօրինակ էր այդ լավ ծանոթ դեմքերը տեսնել այդպիսի անսովոր հանգամանքներում։ Ահա նստած է Չելենջերը։ Առաջվա նման ներողամիտ ժպիտը խաղում է նրա շրթունքներին, կոպերը նույն արհամարհական ձևով կկոցված են, մորուքը վեր է ցցում, կուռծքը ուռցնում, ուժերը լարում՝ ջանալով ուսուցանել Սամերլիին։ Իսկ սա փստացնում է իր կարճ ծխամորճը և այծմորուքը ցնցում՝ կատաղորեն վիճարկելով Չելենջերի ամեն մի խոսքը։ Եվ վերջապես, ահա մեր տանտերը՝ նիհար դեմք, սառցակապույտ, արծվային աչքեր, որոնց խորքում մլմլում է մի ուրախ, խորամանկ կրակ։ Երեքն էլ այդպես շատ երկար կմնան իմ հիշողության մեջ։
Ընթրիքից հետո անցանք լորդ Ջոնի սրբության սրբոցը՝ նրա աշխատասենյակը, որը ողողված էր վարդագույն լույսով և զարդարված բազմաթիվ հաղթանիշներով։ Մեր հետագա խոսակցությունը տեղի ունեցավ այդ սենյակում։ Տանտերը փոքրիկ պահարանից հանեց սիգարի մի հին տուփ և դրեց իր առաջ, սեղանի վրա։
― Թերևս վաղուց պետք է ձեզ այս գործին հաղորդակից դարձնեի, ― սկսեց նա, ― բայց ուզում եմ նախապես ամեն բան պարզել մինչև վերջ։ Արժե՞ միթե հույսեր արթնացնել և հետո համոզվել, որ դրանք անիրագործելի են։ Բայց այժմ մեր առջև փաստն է։ Հավանորեն հիշում եք այն օրը, երբ մենք ճահճում գտանք պտերոդակտիլների որջը։ Ահա, ուրեմն, ես նայեցի, այդ ճահճին և վերջ ի վերջո մտքերի մեջ ընկա։ Կասեմ, թե բանն ինչ է, եթե դուք ինքներդ ոչինչ չեք նկատել։ Դա հրաբխային ձագար էր՝ կապույտ կավով։
Երկու պրոֆեսորն էլ գլխով արին՝ հաստատելով նրա խոսքերը։
― Նույնպիսի կապտակավ հրաբխային ձագար ինձ վիճակվել է միայն մեկ անգամ տեսնել իմ կյանքում՝ Կիմբեռլիի ալմաստի մեծ ցրվածքներում։ Հասկանո՞ւմ եք։ Ալմաստը մտքիցս դուրս չէր գալիս։ Այդ գարշահոտ սողուններից պաշտպանվելու համար ես զամբյուղի նման մի բան պատրաստեցի և, բահով զինվելով, վատ չէի անկացնում ժամանակս նրանց որջում։ Ահա թե ինչ հանեցի այնտեղից։
Նա բաց արավ սիգարատուփը, շուռ տվեց այն և սեղանին թափեց մոտ երեսուն չհղկված ալմաստ՝ բակլայից մինչև շագանակի մեծության։
― Թերևս ասեք, որ ես պետք է անմիջապես հայտնեի իմ գյուտի մասին։ Չեմ վիճում։ Բայց անփորձ մարդը հեշտությամբ կարող է սխալվել այս քարերի հարցում։ Չէ՞ որ սրանց արժեքը կախված է ոչ այնքան մեծությունից, որքան համակազմվածքից ու մաքրությունից։ Մի խոսքով, բերի այստեղ, առաջին իսկ օրը գնացի Սպինկի մոտ ու խնդրեցի քարերից մեկը հղկել ու գնահատել։
Լորդ Ջոնը գրպանից հանեց մի փոքրիկ տուփ և ցույց տվեց սքանչելիորեն փայլփլող մի ադամանդ, որի նմանը, թերևս, երբեք չէի տեսել։
― Ահա իմ ջանքերի արդյունքը, ― ասաց նա։ ― Ոսկերիչն այս բոլորը գնահատեց ամենաքիչը երկու հարյուր հազար ֆունտ։ Հասկանալի է, մենք այդ գումարը կբաշխենք հավասարապես։ Ես ոչ մի այլ բանի չեմ համաձայնի։ Դե, Չելենջեր, դուք ի՞նչ եք անելու ձեր հիսուն հազարը։
― Եթե իսկապես պնդում եք ձեր մեծահոգի որոշման վրա, ― ասաց պրոֆեսորը, ― ապա ես իմ բոլոր փողերը կծախսեմ մասնավոր թանգարանի կահավորման վրա, որի մասին վաղուց եմ երազում։
― Իսկ դո՞ւք, Սամերլի։
― Ես կթողնեմ դասերը և ամբողջ ժամանակս կնվիրեմ կավճային շրջանի իմ բրածոների հավաքածուի վերջնական դասակարգմանը։
― Իսկ ես, ― ասաց լորդ Ջոն Ռոքստոնը, ― իմ ամբողջ բաժինը կծախսեմ արշավախմբի հանդեձավորման վրա և մի անգամ ևս կդիտեմ մեր սրտին սիրելի սարահարթը։ Ինչ վերաբերում է ձեզ, սիրելի երիտասարդ, ապա փողը ձեզ ևս հարկավոր է՝ չէ՞ որ դուք ամուսնանում եք։
― Դե ոչ, առայժմ չեմ պատրաստվում, ― տխուր ժպիտով պատասխանեցի ես։ ― Եթե դուք չեք առարկում, թերևս ես միանամ ձեզ։
Լորդ Ռոքստոնը նայեց աչքերիս և իր ամուր, արևակեզ ձեռքը լուռ պարզեց դեպի ինձ։
- ↑ Բիմետալիզմ կամ կրկնակի մետաղային սիստեմ ― դրամական սիստեմ, որի ժամանակ վճարման օրինական միջոց են հանդիսանում երկու մետաղ, օրինակ՝ ոսկին և արծաթը։
- ↑ արծաթյա դրամ Հնդկաստանում
- ↑ Մասոնություն կամ «ազատ քարհատների եղբայրություն ― կրոնա֊էթիկական հոսանք, որն առաջացել է XVIII դարում Անգլիայում և տարածվել է Եվրոպայում։
- ↑ Բերտոն Ռիչարդ Ֆրենսիս ― ճանապարհորդ, որն այցելել է Աֆրիկա, ուր հայտնաբերել է Տանզանիկա լիճը, ուսումնասիրել Արևելքը և մի շարք գրքեր գրել իր ճանապարհորդությունների մասին
- ↑ Լեդի Ստենլի ― կինը անգլիացի նշանավոր ճանապարհորդ Հենրի Մորտոն Ստենլիի, որն Աֆրիկայում գտավ Լիվինգստոնի կորած արշավախումբը։
- ↑ Քլայվ Ռոբերտ ― անգլիական Օստ֊Հնդկական ընկերության գործիչ։ Ծառայությունն սկսել է իբրև հասարակ կլերկ (գրագիր):
- ↑ Տելեգոնիա ― ժառանգականության թեորիայի կեղծ ուսմունքներից մեկը
- ↑ sub judise ― կասկածի տակ
- ↑ Պարտենոգենեզիս ― առանց բեղմնավորման մայրական ձվաբջջում սաղմի զարգացման երևույթը։ Պատահում է միջատների որոշ տեսակների և բույսերի մոտ։
- ↑ կարճ կամ կլորագլուխ
- ↑ Կելտեր ― ցեղերի մի խումբ, որոնք դեռևս երկրորդ հազարամյակում մինչև մեր դարաշրջան ապրում էին արևմտյան Եվրոպայում և հետագայում գրավեցին ժամանակակից Ֆրանսիան, Բելգիան, Բրիտանիան և իռլանդիան
- ↑ Ուոլլես Ալֆրեդ Ռեսսել (1822 - 1913) ― անգլիացի բնագետ։
- ↑ Բեյթս Հենրի Ուոլտեր (1825 - 1892) անգլիացի բնագետ և ճանապարհրորդ
- ↑ Ալբինիզմ ― լսնամաշկություն (աննորմալ սպիտակամաշկություն և սպիտակահերություն):
- ↑ Ագուտի ― կրծողներ, որոնք ապրում են Հարավային և կենտրոնական Ամերիկայի անտառներում։
- ↑ Յուրայան ջրջան ― մեզոզոյի (միջին կյանքի դարաշրջանի) միջին բաժինը երկրաբանական ժամանակագրության մեջ, մոտ 730 միլիոն տարի առաջ։
- ↑ Ստեգոզավր (տանիքաթեփուկավոր) ― մեռած թեփուկավոր դինոզավրերի (զարհուրելի թեփուկավոր) ընդարձակ խմբից, որոնք իշխում էին ցամաքում յուրայան և կավճային շրջաններում։ Պատկանում է խոտաճարակ դինոզավրերի խմբին։ Մինչև տասներկու մետր երկարություն ունի։
- ↑ Հարավային Կենսինգտոն ― Լոնդոնի արվարձանը, որտեղ գտնվում է Բրիտանական թանգարանի պատմա֊բնագիտական բաժինը։
- ↑ Պտերոդակտիլ (մատնաթև) ― ներկայացուցիչ թռչող թեփուկավոր պտերոզավրերի մեռած խմբի, որոնք ապրում էին յուրայան կավճային շրջաններում։
- ↑ Կալիոստրո ― XVIII դարի «կախարդ ու հմայող», որը հասարակությանը զարմացնում էր իր թովչությամբ, ոգեկոչմամբ և այլն։
- ↑ Օրահավասարությունների պրեցեսիա ― աստղաբաշխության մեջ այն երևույթը, երբ գարնանային և աշնանային օրահավասարությունների կետերը դանդաղ տեղափոխվում են երկնային ոլորտի մեծ շրջագծով։
- ↑ Վելդյան և գոլենհոֆենյան թերթաքարեր ― խիտ, մանրահատիկ ապարներ, որոնք կազմավորվել են ծովալճակներում և պարունակում են բազմաթիվ հանածո մնացորդներ, այդ թվում նաև ծովային թեփուկավորների։
- ↑ Բեկոնականներ ― այն կարծիքի կողմնակիցներ, որ իբր Շեքսպիրի բոլոր գործերը գրված են անգլիցի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի կողմից։
- ↑ Ֆրագոնար(1732-1806), Ժիրարդե ― ֆրանսիացի նկարիչներ։ Տերներ (1775-1851) ― անգլիացի խոշորագույն բնանկարիչ։
- ↑ Պարա ― քաղաք և նավահանգիստ Հյուսիսային Բրազիլիայում։
- ↑ Դիմորֆոդոն (երկձևատամնավոր) ― թռչող թեփամորթ։
- ↑ Հասիենդ ― կալվածատուն։
- ↑ Մանիոկ ― բույս սակավաթեյների ընտանիքից, որի պալարները եփած վիճակում օգտագործվում են իբրև կերակուր։
- ↑ Հարպիաներ ― հին հունական դիցաբանության մեջ թևավոր հրեշներ։
- ↑ Ոչ մի քայլ ետ (լատիներեն)
- ↑ Վելդ ― կավճային շրջանի ստորին բաժինը, որը միացնում է այս ժամանակը քաղցրաջուր ավազաններում, գետերում ու լճերում նստած ապարների շերտոերը։
- ↑ Դինոզավր (զարհուրելի թեփամորթ) ― ներկայացուցիչը վիթխարի ցամաքային թեփամորթների մեռած ընդարձակ խմբի, թեփամորթներ, որոնց մեջ կային գիշատիչ ու խոտակեր, քառաոտ ու ետևի ոտքերի վրա վազող, զրահավոր ու եղջույրավոր տեսակներ։ Խոտակեր դինոզավրերը մինչև երեսուն մետր երկարություն և վաթսուն տոննա ծանրություն ունեին։ Ապրել են մեզոզոյան շրջանում։
- ↑ Իգուանոդոն ― դինոզավրի տեսակներից մեկը։ Իգուանոդոնները շարժվում էին ետևի եռամատ վերջավորություններով, որոնք իրենց կառուցվածքով նման են թռչունների ոտքերին։ Ապրել են գետերի ափերին, սնվել բույսերով։
- ↑ Հաստինգս ― վայր Անգլիայում, որը պատմության մեջ նշանավոր է նորմանների դեմ անգլիացիների մղած մեծ ճակատամարտով՝ Վիլհելմ նվաճողի կողմից Անգլիայի նվաճման ժամանակ։ Այնտեղ տարածվում են կավճային շրջանի ավազաքարեր՝ դինոզավրերի ոտնահետքերի դրոշմվածքներով։
- ↑ Դանթե Ալիգիերի (1265-1321) ― իտալական վերածնության շրջանի մեծ բանաստեղծ, հեղինակ «Աստվածային կատակերգության», որը բաժանվում է երեք մասի․ «Դժոխք», «Քավարան» և «Դրախտ», համաձայն բանաստեղծի երևակայական ճանապարհորդության էտապների երեք «անդրշիրիմյան աշխարհներում»։
- ↑ Թրաժանիք վագր (մախայրոգ) ― մեռած վիթխարի կատու, որն աչքի էր ընկնում վերին ծնոտի անսովոր զարգացած ժանիքներով, որոնք հարմարված էին հաստակաշի կենդանիներ որսալու։
- ↑ Արմադիլ կամ զրահակիր ― կաթնակերների հատուկ խմբի ներկայացուցիչ, որը ծածկված է ոսկրաթիթեղների ամուր զրահով։ Բրածո զրահակիրները հասնում են վիթխարի չափերի։
- ↑ Դրիոպիտեկ ― մարդանման կապիկ, ազգակից՝ գորիլլային, շիմպանզեին և օրանգուտանին։
- ↑ Պիտեկանտրոպ ― կապկամարդ
- ↑ Պլեզիոզավր ― մեռած ծովային գիշատիչ սողուն, որն ուներ լայն, կարծրացած մարմին, խոշոր մաշկաթաթերով և երկար պարանոցով։ Որոշ ներկայացուցիչներ հսկայական չափերի էին հանսում։
- ↑ Ստրոֆանտ ― թունավոր բույս։
- ↑ Իխտիոզավր ― մեզոզոյան դարաշրջանի ծովային սողուն, որը ձկան ձև է ընդունել, նման է դելֆինի։
- ↑ Ֆորորակոս ― մեռած հսկա թռչուն, որը թռչել չի կարողացել․ այլ վազել է ինչպես ջայլամը։
- ↑ Տոքսոդոն ― մեռած խոշոր կաթնասուն, որը հասակով գերազանցում էր ռնգեղջյուրին։