Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 169 980 բայտ, 19:10, 24 Ապրիլի 2016
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|թարգմանիչ = Խ․ Հրաչյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Շերլոկ Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
Ինչպես երևում է, հանգստանալով, պրոֆեսորը նորից պառկեց քնելու։
 
 
==Գլուխ XIV «Այդ իսկական հաղթանակ էր»==
 
 
Կարծում էինք, թե մեզ հետապնդող մարդակապիկները չեն կասկածում թփերի մեջ եղած այդ ապաստարանի մասին, սակայն շուտով համոզվեցինք, որ սխալվում ենք։ Անտառում լիակատար լռություն էր տիրում՝ ո՛չ ձայն, ո՛չ տերևների շրշյուն․․․ Բայց և այնպես նախկին փորձը պետք է մեզ հուշեր, թե այդ էակներն ինչպիսի խորամանկությամբ ու համբերությամբ են հետևում իրենց որսին ու հարմար րոպե գտնում հարձակման համար։ Չգիտեմ ճակատագիրն ինչ է խոստանում ինձ հետագայում, բայց հազիվ թե երբևէ ես այդքան մոտիկ եղել եմ մահվան կամ կլինեմ, ինչպես այն առավոտ։ Հիմա ամեն ինչ հերթով կպատմեմ։
 
Նախորդ օրվա սարսափելի ալեկոծումներից ու քաղցից հետո քունը չօգնեց ուժերս վերականգնելու։ Սամերլին այնքան թույլ էր, որ հազիվ էր ոտքի վրա մնում, բայց իրեն հատուկ համառությամբ ու արիությամբ չէր ուզում այդ խոստովանել։ Ռազմական խորհրուրդ գումարեցինք և որոշեցինք ևս երկու ժամ նստել այստեղ, նախաճաշել, որ խիստ անհրաժեշտ էր, իսկ հետո ճամփա ընկնել ամբողջ սարահարթի երկարությամբ և դուրս գալ կենտրոնական լճի այն ափին գտնվող քարայրների մոտ, որտեղ իմ դիտողություններով, մարդիկ էին ապրում։ Հույս ունեինք, թե մեր ազատած հնդկացիները մի բարի խոսք կասեն մեր մասին, և սպասում էինք լավ ընդունելություն գտնել նրանց ցեղակիցների մոտ։
 
Այդպիսի ճանապարհորդությունից հետո Մեպլ֊Ուայտի Երկիրը մեր առաջ ավելի ևս բաց կանի իր գաղտնիքները, և, մեզ վրա դրված առաջադրանքը կատարելուց հետո, մենք մեր բոլոր մտքերը կուղղենք այստեղից դուրս գալու և կրկին աշխարհ վերադառնալու միջոցներ գտնելուն։ Նույնիսկ ինքը՝ Չելենջերն ընդունում էր, որ արշավախմբի նպատակը կատարված կլինի, և որ դրանից հետո պարտքը կստիպի մեզ որքան կարելի է շուտ հայտնել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին մեր զարմանալի հայտնագործությունների մասին։
 
Այժմ կարող էինք ավելի ուշադիր դիտել մեր փրկած հնդկացիներին։ Նրանք կարճահասակ էին, մկանուտ, ճարպիկ, տեսքից անհիշաչար, անմազ դեմքի կանոնավոր ձվածիր և սև, հարթ մազերով, որոնք ծոծրակի մոտ կապված էին կաշվե փոկով։ Նրանց հագուստը բաղկացած էր միայն ազդրերի կապից, որը նույնպես կաշվից էր։ Ճեղ քված, արնատար ականջաբլթակները վկայում էին, որ նրանց ականջներից ինչ֊որ զարդեր էին կախված եղել, որոնք մնացին թշնամիների՝ կապիկների ճանկերում։ Հնդկացիները իրար հետ աշխուժորեն խոսում էին անծանոթ լեզվով, բայց և այնպես մենք հասկացանք, որ նրանց ցեղը կոչվում է «ակկալա»։ Նրանք այդ խոսքը կրկնեցին մի քանի անգամ իրար ետևից, մատնացույց անելով իրար, ապա սեղմված բռունցքները թափ տվին դեպի անտառի կողմը և, վախից ու ատելությունից դողալով, բղավեցին․ «Դո դա, դո դա»։ Երևի նրանք այդպես էին անվանում մարդակապկին։
 
― Ի՞նչ կասեք սրանց մասին, Չելենջեր, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Ինձ համար միայն մի բան է պարզ․ ահա այն խուզած ճակատով պատանին սրանց առաջնորդն է։
 
Եվ իսկապես, այդ հնդկացին իրեն պահում էր մեկուսի, իսկ մնացածները դիմում էին նրան մեծագույն հարգանքով, չնայած բոլորը տարիքով մեծ էին նրանից։ Պատանու ամեն մի շարժումն արտահայտում էր հպարտություն ու անկախություն, և երբ Չելենջերն իր ահագին թաթը դրեց նրա գլխին, նա խթանած ձիու պես մի կողմ ցատկեց, և, բարկությամբ փայլեցնելով սև աչքերը, ետ գնաց։ Հետո ձեռքը դրեց կրծքին և, արժանապատվությամբ լի, մի քանի անգամ կրկնեց «Մարետաս» խոսքը։
 
Առանց բոլորովին շփոթվելու, պրոֆեսորը բռնեց մյուս հնդկացու ուսից և, այս կողմ, այն կողմ շուռ տալով ինչպես ցուցադրական պիտույք, սկսեց դասախոսություն կարդալ մեզ։
 
― Զարգացած գանգը, դիմանկյունը և որոշ այլ նշաններ խոսում են այն մասին, որ այս ցեղը չի կարելի դասել ստորին ռասսայի շարքում, ― թնդացրեց նա իր հնչեղ բասը։ Ռասայական սանդղակում մենք պետք է նրան տեղ հատկացնենք Հարավային Ամերիկայի շատ ցեղերից առաջ։ Ես հաստատ համոզված եմ, որ այստեղ, սարահարթում անհնարին էր այս ցեղի առաջացնումն ու զարգացումը։ Բայց չէ՞ որ մարդակապիկներին ևս մի վիթխարի անդունդ է բաժանում այստեղ պահպանված մինչպատմական կենդանիներից։ Հետևաբար, նրանք նույնպես չէին կարող երևան գալ ու զարգանալ Մեպլ֊Ուայտի Երկրում։
 
― Հապա որտեղի՞ց են հայտնվել նրանք։ Երկնքից հո չե՞ն ընկել, ― հարցրեց լորդ Ջոնը։
 
― Այդ հարցն անկասկած տաք վիճաբանություններ կառաջացնի Եվրոպայի և Ամերիկայի գիտնականների միջև, ― պատասխանեց պրոֆեսորը։
 
― Այդ հարցի իմ սեփական բացատրությունը՝ ճիշտ թե սխալ (այս խոսքերն ասելիս նա կուրծքը դուրս գցեց և արտասովոր ամբարտավանությամբ աչքերը դարձրեց չորս կողմը), հետևյալն է․ այստեղի խիստ յուրահատուկ պայմաններում էվոլյուցիան հասել է ողնաշարավորների ստադիային, ըստ որում հին ձևերը շարունակել են ապրել ու զարգանալ նորերի կողքին։ Ահա թե ինչու յուրայան շրջանի ձևերի հետ մեկտեղ այստեղ ապրում է և ժամանակակից գետակինճը՝ հույժ հարգալիր տոհմագրությամբ մի կենդանի, և՛ խոշոր եղջերուն, և մրջնյակները։ Առայժմ ամեն ինչ պարզ է։ Բայց դուք կհարցնեք՝ հապա մարդակապիկնե՞րը, հապա հնդկացինե՞րը։ Գիտական միտքն ինչպե՞ս պետք է վերաբերվի նրանց առկայությանը սարահարթում։ Իմ կարծիքով, բացատրությունը կարող է լինել միայն մեկը․ նրանք այստեղ են թափանցել դրսից։ Շատ հնարավոր է, որ Հարավային Ամերիկայում գոյություն ունեցած ինչ֊որ մարդանման կապիկներ անհիշելի ժամանակներում անցել են այստեղ և իրենց էվոլյուցիայի շնորհիվ տվել մարդակապիկների այն տեսակը, որի հեռավոր ներկայացուցիչները (այստեղ Չելենջերը կիպ նայեց ինձ) այնպիսի պատկառելի ու վայելուչ տեսք ունեն, որ բանականության առկայության դեպքում նրանք կարող էին մինչև իսկ զարդարել մարդկային ցեղը։ Իսկ ինչ վերաբերում է հնդկացիներին, ապա այդ ցեղը հարթավայրից այստեղ է գաղթել ավելի ուշ ժամանակներում կամ քաղցի, կամ թշնամու հետապնդման հետևանքով։ Այստեղ հանդիպելով մինչ այդ չտեսնված հրեշների, նրանք թաքնվել են քարայրներում, որոնց մասին պատմեց մեզ մեր պատանի բարեկամը։ Սակայն հդկացիներն անկասկած ստիպված են եղել կյանքի ու մահու կռիվ մղել վայրի գազանների, մասնավորապես կապիկների դեմ, որոնք չէին կամենում հաշտվել մարդու ներխուժման հետ և անխնա պատերազմ էին մղում նրա դեմ՝ գործի դնելով իրենց ողջ խորամանկությունը, իսկ այդ խնդրում նրանք կարող են մրցել ուզածդ շատ ավելի խոշոր արարածների հետ։ Ահա թե ըստ իս ինչով է բացատրվում հնդկական ցեղի փոքրաքանակությունը։ Եվ այսպես, ջենտլմեննե՛ր, ի՞նչ կասեք հիմա։ Ճի՞շտ լուծեցի այդ հանելուկը, թե՞ դուք որևէ առարկություն ունեք ըստ էության։
 
Բայց պրոֆեսոր Սամերլին վեճի գլուխ չուներ, նա միայն ի նշան բողոքի հուսահատորեն տարուբերեց գլուխը։ Լորդ Ջոնը քորեց իր ճաղատացող գագաթը և հրաժարվեց պրոֆեսոր Չելենջերի մարտահրավերն ընդունելուց, պատճառաբանելով, թե ինքն այլ կարգի ու այլ քաշի ըմբիշ է։ Իսկ ես հավատարիմ մնացի ինքս ինձ և խոսակցությունը փոխադրեցի ավելի պրոզայիկ պլանի վրա, հայտնելով, որ հնդկացիներից մեկը չքացավ ինչ֊որ տեղ։
 
― Նա գնաց, ― ասաց լորդ Ռոքստոնը։ ― Մենք պահածոյի մի դատարկ տուփ տվեցինք նրան և ուղարկեցինք ջրի։
 
― Հին ճամբա՞րը, ― հարցրի ես։
 
― Ոչ, առվակը։ Դա հեռու չէ այստեղից։ Ահա այս ծառերի ետևը։ Ընդամենը մի հարյուր յարդ հազիվ լինի, բայց ինչպես երևում է, այդ հերոսը այնքան էլ չի շտապում։
 
― Գնամ տեսնեմ, թե նա ինչ է անում այնտեղ, ― ասացի ես և՝ վերցնելով հրացանը, գնացի անտառ՝ ընկերներիս թողնելով աղքատիկ նախաճաշի պատրաստություններով։
 
Ձեզ անխոհեմություն կթվա, որ ես սիրտ արի նույնիսկ այդքան կարճ ժամանակով թողնել մեր հուսալի ապաստարանը, բայց չէ՞ որ կապիկների քաղաքը հեռու էր, թշնամիները կորցրել էին մեր հետքերը, բացի դրանից, ես հրացան ունեի հետս։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, ես թերագնահատում էի մարդակապիկների ուժերն ու նենգությունը։
 
Առվակը խոխոջում էր ինչ֊որ մոտերքում, բայց ծառերի ու թփերի խիտ մառախուղը թաքցնում էր այն ինձանից։ Արդեն բավական հեռացել էի ընկերնեիցս, երբ հանկարծ կանաչ խոտերի մեջ ինչ֊որ կարմիր բան նկատեցի։ Սարսափը պատեց ինձ․ դա ջրի ուղարկված հնդկացու դիակն էր։ Դժբախտը կծկվել էր գետնին․ գլուխն այնպես անբնական ոլորված էր, որ ասես նա ուսի վրայից նայում էր վերև։ Բղավեցի ընկերներիս՝ նախազգուշացնելով վտանգի մասին, ապա վազեցի հնդկացու մոտ և ցած խոնարհվեցի․․․ Հավանորեն, այդ րոպեին իմ պահապան հրեշտակը մոտերքում էր, որովհետև բնազդը, իսկ միգուցե տերևների շրշյունը, ստիպեց ինձ վերև նայել։ Գլխավերևումս կախված տերևների թանձր կանաչի միջից դանդաղորեն դեպի ինձ էին պարզվում երկու երկար, կարմրաշեկ մազերով ծածկված մկանուտ ձեռքեր։ Եվս մի վայրկայն, և ագահ մատները կփակվեին իմ պարանոցի շուրջը։ Ես ցատկեցի, բայց այդ ձեռքերն ավելի արագաշարժ դուրս եկան։ Ճիշտ է, ցատկելն ինձ փրկեց մահացու ոխումից, բայց մի թաթը կառչեց ծոծրակիցս, իսկ մյուսը՝ դեմքիցս, իսկ հետո, երբ կոկորդս ափով ծածկեցի, մատներիցս։
 
Զգացի, որ գետնից պոկվում եմ, որ գլուխս անհախթահարելի ուժով ձգում են ետ․․․ Թվում էր, էլի մի վայրկյան, և վզիս ողերը էլ չեն դիմանա։ Ուղեղս սկսեց մշուշվել, բայց ես բաց չէի թողնում այդ սարսափելի ձեռքը և, վերջապես, պոկեցի այն ծնոտիցս։ Ինձ վրա խոնարհվել էր մի նողկալի մռութ՝ կապույտ, պաղ աչքերով, որոնց դաժան հայացքը հիպնոսող ուժով գամել էր ինձ իմ տեղում։ Կռվելու ուժ չկար։ Հենց որ հրեշն զգաց, որ ես թուլանում եմ, նրա գարշելի երախում փայլեցին երկու սպիտակ ժանիքներ, և նա ավելի ուժգին սեղմեց թաթը՝ գլուխս ետ ծռելով։ Աչքերիս առաջ պղտոր օղակներ լողացին, ականջներումս արծաթե բոժոժիկներ զրնգացին։ Ինչ֊որ տեղ հեռվում կրակոց լսվեց, ես ընկա՝ համարյա ցավ չզգալով, և գիտակցությունս կորցրի։
 
Ուշքի գալով նկատեցի, որ պառկած եմ խոտերի վրա, մեր ապաստարանում։ Ինչ֊որ մեկն արդեն վազել էր առվակ, լորդ Ջոնը գլուխս թրջում էր ջրով, իսկ Չելենջերն ու Սամերլին հոգատարությամբ պահում էին ինձ երկու կողմերից։ Տեսնելով նրանց տագնապահար դեմքերը՝ առաջին անգամ հասկացա, որ մեր պրոֆեսորները ոչ միայն գիտության այրեր են, այլև մարդկային պարզ զգացումների ընդունակ մարդիկ։ Մարմնիս վրա ոչ մի վնասվածք չկար։ Ըստ երևույթին իմ ուշաթափությունն առաջացել էր միայն ուժեղ ցնցումից, որովետև կես ժամից հետո ես արդեն վերջնականապես ուշքի եկա, եթե չհաշվենք ծոծրակի ու վզիս ցավերը։
 
― Դե, սիրելի երիտասարդ, այս անգամ դուք մահից պրծաք, ― ասաց լորդ Ջոնը։ ― Երբ ես նետվեցի ձեր կանչի վրա ու տեսա, որ այդ հրեշը ոլորում է ձեր գլուխը, իսկ դուք արդեն ձեր չորս թաթիկներն էլ վեր էիք տնկել, առաջին հերթին գլխումս մի միտք առկայծեց՝ դե՛, մեր գնդից մեկը պակասեց․․․ Շտապելուց ես մինչև իսկ վրիպեցի, բայց և այնպես այդ հրեշը գցեց ձեզ և իսկույն փախավ։ Ա՛խ, սատանան տանի։ Տային ինձ հրացանավոր երեսուն մարդ, և մենք այստեղ այնպիսի կարգ ու կանոն հաստատեինք, որ այդ տականքի հետքն անգամ չմնար։
 
Միանգամայն պարզ էր, որ մարդակապիկներն ինչ֊որ ձևով տեղեկացել էին մեր ապաստարանի մասին և այժմ աչքները չեն թեքում նրանից։ Ցերեկը կարելի էր չվախենալ նրանցից, բայց ի՞նչ կլինի գիշերը։ Նրանք անպայման վրա կտան մեզ։ Նշանակում է, պետք է հեռանալ, և որքան շուտ, այնքան լավ։ Մեզ երեք կողմից շրջապատում էր անտառի թավուտը, ուր ամեն մի քայլափոխում կարելի էր դարանի հանդիպել․ չորրորդ կողմից սկսվում էր մի թեթև զառիկող, որն իջնում էր դեպի կենտրոնական լիճը։ Այնտեղ աճում էր մի ցածլիկ թփուտ հատուկենտ ծառերով, որը տեղ֊տեղ ընդհատվում էր բացատներով։ Այդ զառիկողով էր, որ մենակ գնացի այն գիշեր, և նա տանում էր ուղիղ դեպի հնդկացիների քարայրները։ Հետևաբար, մենք հենց այդ ուղղությամբ էլ պիտի գնայինք։
 
Միակ բանը, որի համար ափսոսում էինք, մեր ճամբարն էր, և այդ ոչ այնքան այնտեղ թողնված պաշարների, որքան նեգր Սամբոյի համար, որը միակ օղակն էր մեր և արտաքին աշխարհի միջև։ Ասենք, հրացանները մեզ մոտ էին, փամփուշտի պակասություն նույնպես չէր զգացվում, այնպես որ որոշ ժամանակ կարող էինք դրանով յոլա գնալ, իսկ հետո, երևի, հնարավորություն կստեղծվեր վերադառնալ հին տեղը և նորից կապ հաստատել մեր նեգրի հետ։ Սամբոն հաստատ խոսք էր տվել չլքել մեզ, և մենք չէինք կասկածում, որ նա իր խոսքը կկատարի։
 
Վաղ առավոտյան մեր խումբը ճամփա ընկավ։ Իբրև ուղեցույց առջևից գնում էր երիտասարդ առաջնորդը, որը զայրույթով հրաժարվեց որևէ բեռ տանելուց։ Նրա ետևից քայլում էին ողջ մնացած երկու հնդկացիները արշավախմբի ամբողջ աղքատիկ ունեցվածքը շալակած։ Հրացանները պատրաստ պահած մեր քառյակը վերջափակում էր այդ երթը։ Հենց որ դուրս եկանք թփուտներից, մինչև այժմ լուռ թավուտը հանկարծ լցվեց մարդակապիկների վայրենի ոռնոցներով։ Նրանք ոչ այն է ցնծում էին, ոչ այն է չարախնդում մեր հեռանալու առթիվ։ Ետ նայելով՝ մենք ոչինչ չտեսանք, բայց այդ ձիգ ոռնոցը պարզ ասում էր, թե որքան թշնամիներ են թաքնվել մեզ ամեն կողմից շրջապատող կանաչի համատարած պարսպի ետևում։ Սակայն ըստ երևույթին կապիկները մտադիր չէին հարձակվել մեզ վրա․ դուրս գալով ավելի բաց մի տեղ, մեր վախը բոլորովին անցավ։
 
Ես քայլում էի ամենավերջում և ակամա ժպտում էի՝ նայելով ընկերներիս։ Մի՞թե դա այն փառահեղ լորդ Ռոքստոնն էր, որը ոչ այնքան վաղուց ինձ ընդունեց Օլբենիի իր սենյակների վարդագույն շքեղության մեջ, որոնց հատակները ծածկված էին պարսկական գորգերով, պատերը զարդարված նկարներով։ Մի՞թե սա այն պրոֆեսորն է, որն այնպես վեհապանծորեն բազմել էր Էնմոր֊Պարկի իր տանը, վիթխարի գրասեղանի ետևում։ Եվ վերջապես, ո՞ւր կորավ այն մռայլ, մանրախնդիր գիտնականը, որ հանդես եկավ Կենդանաբանական ինստիտուտի ժողովում։ Մի՞թե Անգլիայի գյուղամիջյան ճանապարհներին հանդիպող թափառաշրջիկներն ունենում են այսպիսի ողորմելի, վհատ կերպարանք։
 
Ընդամենը մի շաբաթ ենք անցկացրել սարահարթում, բայց մեր պահեստի հագուստը ներքևում մնաց, իսկ այդ մի շաբաթը հեշտ շաբաթ չէր, չնայած ես առանձնապես գանգատվելու առիթ չունեի, որովհետև այն գիշեր կապիկների ճանկը չէի ընկել։ Զրկվելով գլխարկներից, ընկերներս գլուխները կապել էին թաշկինակներով, հագուստը ծվեն֊ծվեն կախվել էր նրանց վրայից, իսկ կեղտաշերտը և չսափրված մազերը համարյա անճանաչելի էին դարձրել բոլորին։ Սամերլին ու Չելենջերը խիստ կաղում էին, ես նույնպես ոտքերս հազիվ էի քարշ տալիս, դեռևս ինչպես հարկն է չկազդուրված առավոտյան ցնցումից, և դժվարությամբ էի շարժում վիզս, որը փայտացել էր կապկի մահացու ռխումից հետո։ Այո, շատ տխուր տեսք ունեինք մենք, և ինձ բոլորովին չէր զարմացնում, որ մեր ուղեկից հնդկացիները մի գլուխ ետ էին դառնում, տարակուսանքով և նույնիսկ սարսափով նայելով մեզ։
 
Կեսօրից բավական անցել էր, երբ մացառուտից դուրս եկանք լճափ։ Հնդկացիները տեսան նրա ընդարձակ մակերեսը և ուրախ ճիչերով ձեռքները թափահարեցին, մեզ ջուրը ցույց տալով։ Տեսարանն իսկապես զարմանալի էր։ Ուղիղ դեպի մեզ էր լողում թեթև նավակների մի ամբողջ տորմիղ։ Նրանք դեռևս հեռու էին, մի քանի մղոնի վրա, բայց այդ տարածությունն այնպես արագ էր կրճատվում, որ շուտով թիավարողները ճանաչեցին, թե ովքեր են կանգնած ափին։ Ցնծագին ձայները որոտի նման տարածվեցին լճակի վրա։ Վեր թռչելով տեղներից՝ հնդկացիները ճոճում էին թիակներն ու նիզակները։ Հետո նորից սկսեցին թիավարել և մի ակնթարթում անցան մնացած տարածությունը, նավակները դուրս քաշեցին ավազոտ թեք ափը և ողջյունի բացականչություններով բերանքսիվայր փռվեցին երիտասարդ առաջնորդի առաջ։ Դրանից հետո ամբոխի միջից դուրս եկավ հասակավոր մի հնդկացի՝ զարդարված խոշոր, փայլուն ապակու կտորներից պարտաստված մանյակով ու ապարանջանով և ուսին դրած սքանչելի բծավոր մորթով, որը փայլփլում էր սաթի պես։ Նա վազելով մոտեցավ պատանուն, քնքշությամբ գրկեց նրան, հետո նայեց մեր կողմը, ինչ֊որ բան հարցրեց և, մոտենալով մեզ, առանց ստորաքարշության, մեծ արժանապատվությամբ գրկեց մեզ հերթով։ Նրա մի խոսքով մնացած հնդկացիները ի նշան հարգանքի խոնարհվեցին մեր առաջ մինչև գետին։ Անձամբ ինձ այդ ստրկամտությունը վրդովեց, ինչպես երևում է լորդ Ջոնին և Սամերլիին ևս շփոթեցրեց, մինչդեռ Չելենջերը բացվեց, ինչպես արևից ջերմացած ծաղիկ։
 
― Գուցե այս բնիկները իրենց զարգացման մեջ շատ էլ հեռու չէին գնացել, ― ասաց նա, շոյելով մորուքն ու զննելով մեր առաջ փռված մարմինները, ― բայց լուսավորյալ եվրոպացիներից ոմանք հարկ է, որ սովորեն սրանցից, թե ինչպես պետք է պահել իրեն բարձրագույն էակների ներկայությամբ։ Մի տես, թե որքան անսխալ է նախնադարյան մարդու բնազդը։
 
Ամեն ինչից դատելով՝ հնդկացիները ռազմական արշավի էին դուրս եկել, որովհետև բացի բամբուկե երկար նիզակներից, յուրաքանչյուրն ուներ նետ ու աղեղ, մահակ կամ գոտկին խրած քարե կացին։ Մռայլ, ցասկոտ հայացքները, որ նրանք նետում էին անտառի կողմը, որտեղից մենք դուրս եկանք, և «դո դա» խոսքի հաճախակի կրկնությունը վկայում էին, որ այդ արշավի նպատակն էր կամ փրկել ծեր առաջնորդի որդուն (մենք գլխի ընկանք նրանց արյունակից լինելը), կամ վրեժ լուծել նրա մահվան համար։ Այժմ նրանք նստեցին շրջանաձև և ռազմական խորհուրդ արին, իսկ մենք տեղավորվեցինք մի քիչ հեռու, բազալտի մի մեծ բեկորի վրա և սկսեցինք հետևել, թե ինչ է տեղի ունենում։ Առաջին հերթին խոսեցին ռազմիկները, իսկ հետո կրակոտ խոսքով իր ցեղին դիմեց նաև մեր պատանի բարեկամը։ Նրա խոսքն ուղեկցվում էր այնպիսի պերճախոս դիմախաղով ու շարժումներով, որ մենք ամբողջովին հասկացանք այն, ասես թե այդ լեզուն ծանոթ էր մեզ։
 
― Արժե՞ միթե այժմ տուն վերադառնալ, ― ասում էր նա։ ― Վաղ թե ուշ հարկ կլինի կանգնել մեր թշնամուն դեմառդեմ։ Մեր եղբայրներն սպանված են։ Ինչ օգուտ, որ ես մնացի ողջ և անվնաս, երբ ուրիշները մեռան։ Ձեզանից ո՞վ կարող է հանգիստ լինել իր կյանքի համար։ Հիմա մենք բոլորս հավաքված ենք։ ― Նա ցույց տվեց մեզ։ ― Այս եկվորները՝ մեր բարեկամներն են։ Նրանք մեծ ռազմիկներ են ու մեզ նման էլ ատում են կապիկներին։ Շանթն ու որոտը ենթարկվում են նրանց։ ― Այստեղ նա ձեռքը պարզեց դեպի երկինք։ ― Մի ուրիշ անգամ այսպիսի դեպք կպատահի՞։ Ուրեմն գնանք առաջ՝ կամ կմեռնենք, կամ խաղաղ կյանք ձեռք կբերենք մեզ համար, և այն ժամանակ ամոթ չի լինի մեր կանանց մոտ վերադառնալ։
 
Փոքրիկ կարմրամորթ ռազմիկներն ագահությամբ լսում էին իրենց առաջնորդին, իսկ երբ նա վերջացրեց, ցնծագին աղաղակներ արձակեցին և մի մարդու պես նիզակները նետեցին օդի մեջ։ Նրա հայրը ինչ֊որ բան հարցրեց մեզնից, մատնացույց անելով անտառը։ Լորդ Ջոնը նշանացի հասկացրեց նրան սպասել և դիմեց մեզ։
 
― Դե, ամեն մեկը թող իր համար որոշի, ― ասաց նա։ ― Ես անձնապես դեմ չեմ կապիկների հետ հաշիվներս մաքրելու, և եթե բանը վերջանա երկրի երեսից նրանց բնաջնջելով, ապա այս երկիրը կծաղկի միայն այդպիսի օպերացիայից հետո։ Ես կգնամ մեր նոր բարեկամների հետ և չեմ լքի նրանց մինչև հաղթական վախճանը։ Ի՞նչ կասեք դուք, երիտասարդ։
 
― Իհարկե, ես ձեզ հետ եմ։
 
― Իսկ դո՞ւք, Չելենջեր։
 
― Կարող եք հուսալ իմ օգնության վրա։
 
― Իսկ դո՞ւք, Սամերլի։
 
― Մենք ավելի ու ավելի ենք շեղվում մեր արշավախմբի նպատակից, լորդ Ջոն։ Հավատացնում եմ ձեզ, որ ես իմ պրոֆեսորական ամբիոնը Լոնդոնում նրա համար չթողի, որպեսզի գլխավորեմ կարմրամորթների հարձակումը մարդանման կապիկների գաղութի վրա։
 
― Այո, իսկապես որ, որքա՜ն ցած ենք ընկել մենք, ― ժպտալով ասաց լորդ Ջոնը։ ― Բայց ինչ արած, հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Դե, սպասում ենք ձեր պատասխանին։
 
― Դա խիստ կասկածելի խաղ է, ― անձնատուր չէր լինում Սամերլին, ― բայց եթե բոլորդ գնում եք, ես կամա թե ակամա պետք է հետևեմ ձեզ։
 
― Ուրեմն, վճռված է, ― ասաց լորդ Ջոնը, և շուռ գալով դեպի ծերունի առաջնորդը, հաստատորեն գլխով արավ ու ափով թփթփացրեց հրացանը։
 
Ծերունին սեղմեց մեր ձեռքերը, իսկ նրա ցեղակիցները է՛լ ավելի ցնծագին աղաղակներ արձակեցին։
 
Երթի դուրս գալու համար արդեն ուշ էր, ուստի հնդկացիները շտապով ճամբար զարկեցին։ Ամենուրեք ծխացին֊բոցավառվեցին խարույկները։ Մի փոքր խումբ գնաց ջունգլի ու վերադարձավ, առաջն առած մի փոքր իգուանադոն, որի մեջքին նույնպես ասֆալտի քսվածքներ կային։ Մի հնդկացի մոտեցավ ու կարգադրեց մորթել նրան, և մենք միայն այժմ հասկացանք, որ վիթխարի իգուանադոննրը բնիկների սեփականությունն են, ինչպես մեզանում՝ եղջերավոր անասունները։ Հետևաբար, ասֆալտե հանելուկային բծերն ընդամենը խարանի կամ դրոշմի նման մի բան էին։ Այդ բութ, խոտակեր արարածներն օժտված են պստլիկ ուղեղով։ Չնայած իրենց վիթխարի չափերին, նրանք աչքի են ընկնում այնպիսի անզորությամբ, որ նույնիսկ երեխան նրանց հետ գլուխ կհանի։ Մի քանի րոպե էլ չէր անցել, որ իգուանադոնին քերթեցին, և մսի պատառներն արդեն խորովվում էին խարույկների վրա ինչ֊որ թեփուկավոր ձկան հետ միասին, որը հնդկացիները որսացել էին լճում, եռաժանիի փոխարեն գործի դնելով նիզակները։
 
Սամերլին պառկեց ավազի վրա ու քնեց, իսկ մենք երեքով գնացինք թափառելու լճափին վառված այդ արտասովոր երկրի մասին որքան կարելի է շատ բան իմանալու ցանկությամբ։ Մի քանի անգամ մեր ճամփին պատահեցին նույնպիսի կապտակավ փոսեր, ինչպես պտերոդակտիլների ճահճում։ Այդ չգործող հրաբխային խառնարանները չգիտես ինչու խիստ հետաքրքրեցին լորդ Ջոնին։ Չելենջերն ևս իր ուշադրությանն արժանի մի բան գտավ՝ դա ուժեղ խփող ցեխի մի հեյզեր էր, որի շիթերը շարունակ եռում էի պղպջակներով՝ մեզ անծանոթ ինչ֊որ գազ արձակելով։ Չելենջերը սնամեջ եղեգնը իջեցրեց հեյզերի մեջ, լուցկին մոտեցրեց նրան և դպրոցականի պես ուրախության ճիչ արձակեց, երբ գազը տրաքեց ու վառվեց կապույտ բոցով։ Հետո նա կաշվե քսակը հարմարեցրեց եղեգնի եզրին, լցրեց այն գազով և բաց թողեց օդի մեջ։ Այդ փորձը է՛լ ավելի հիացմունք պատճառեց պրոֆեսորին։
 
― Այրվող գազ և այն էլ ինչպիսի՜ն՝ օդից թեթև․․․ Այժմ ես համոզված եմ, որ սա իր մեջ զգալի քանակությամբ ազատ ջրածին է պարունակում։ Սպասեցեք, բարեկամներս։ Ջորջ Էդուարդ Չելենջերը դեռ իր բոլոր հնարավորությունները չի սպառել։ Մեծ միտքը միշտ էլ ստիպում է բնությանը ծառայել իրեն։ Դուք դեռևս ձեր սեփական աչքերով կհամոզվեք դրանում։ Նա հպարտությամբ կուրծքը դուրս գցեց, բայց այնպես էլ իր գաղտնի մտահղացումները չբաժանեց մեզ հետ։
 
Ինչ վերաբերում է ինձ, ապա լճափը պակաս հետաքրքրիր էր թվում բուն լճի համեմատությամբ։ Հնդկացիների հայտնվելն ու ճամբարի աղմուկը վախեցրին բոլոր կենդանի արարածներին։ Ոչինչ չէր խանգարում շրջապատի լռությունը, եթե չհաշվենք մի քանի պտերոդակտիլների, որոնք սավառնում էին բարձրում, աշխատելով լեշ տեսնել։ Բայց կենտրոնական լճի վարդագույն ջրերն ապրում էին իրենց կյանքով։ Ինչ֊որ կենդանիների սև թերթաքարե, վիթխարի մեջքերը և ատամնավոր լողակները շարունակ արծաթե ցայտեր էին նետում ջրի երեսին և նորից կորչում խորքերում։ Ավազուտներում վխտում էին այլանդակ արարածներ, ― ոչ այն է հսկայական կրիաներ, ոչ այն է խլեզներ, որոնց մեջ առանձնապես աչքի էր ընկնում մի հրեշ՝ տափակ, ինչպես կաշվի կտոր․ նա ցնցվում էր իր ամբողջ մաշկով, որը փայլում էր ճարպախալերով։ Նա դանդաղ սողաց ավազի վրայով։ Ժամանակ առ ժամանակ ջրի միջից հանկարծ դուրս էին ցցվում ինչ֊որ օձանման արարածների գլուխներ, որոնք նազելիորեն գալարվելով լողում էին, վզերի շուրջը փրփուրե օձիքներ, նույնպիսի փրփրացող քղանցատուտ թողնելով ետևներից։ Բայց, ինչպես պարզվեց, դրանք բոլորովին էլ օձեր չէին։ Մի այդպիսի արարած մեզնից ոչ հեռու դուրս սողաց ավազի վրա, և մենք տեսանք, որ նրա երկար պարանոցը միանում է հսկայական թաղանթալողակներ ունեցող գլանաձև իրանին։ Չելենջերը և Սամերլին, որն արդեն միացել էր մեզ, զարմանքից ու հիացմունքից գլուխները կորցրել էին։
 
― Պլեզիոզա՛վր,<ref>Պլեզիոզավր ― մեռած ծովային գիշատիչ սողուն, որն ուներ լայն, կարծրացած մարմին, խոշոր մաշկաթաթերով և երկար պարանոցով։ Որոշ ներկայացուցիչներ հսկայական չափերի էին հանսում։</ref> քաղցրաջուր պլեզիոզա՛վր, ― բացականչեց Սամերլին։ ― Եվ ես տեսնում եմ նրան սեփական աչքերով։ Թանկագին Չելենջեր, կենդանաբաններից ո՞վ կարող է պարծենալ այդպիսի երջանկությամբ։
 
Վրա հասավ գիշերը, մեր կարմրամորթ դաշնակիցների խարույկներն արդեն կարմրին էին տալիս մթության մեջ, երբ վերջապես մեզ հաջողվեց երկու պրոֆեսորներին հեռացնել նրանց կախարդող նախնադարյան լճից։ Բայց նույնիսկ պառկած ջրից հեռու, մենք շարունակում էինք լսել ջրի խորքում ապրող աժդահա հրեշների փնչոցներն ու ջրի ճողփյունը։
 
Լուսաբացի առաջին շողերի հետ ամբողջ ճամբարը ոտքի վրա էր։ Մի ժամ հետո դուրս եկանք մեր անօրինակ արշավին։ Ես հաճախ եմ երազել ապրել մինչ այն րոպեն, երբ ինձ իբրև զինվորական թղթակից կուղարկեին ճակատ։ Բայց ո՞ր երազողը կարող էր այսպիսի արշավանք պատկերացնել, ինչպիսին ճակատագիրը բաժին էր հանել ինձ։ Եվ այսպես, անցնում եմ իմ «առաջին զեկուցագրին ռազմական գործողությունների թատերաբեմից»։
 
Գիշերվա ընթացքում մեր ուժերը համալրվել էին բնիկների նոր ջոկատներով, այնպես որ առավոտյան զորքն արդեն հասնում էր մոտ հինգ հարյուր հոգու։ Հետախույզներ էին ուղարկված առաջ, իսկ նրանց ետևից սեղմ շարասյուներով շարժվում էին գլխավոր ուժերը։ Մենք բարձրանում էինք զառիկող լանջով, որը ծածկված էր թփերով, և դուրս եկանք ջունգլիների մոտ։ Նիզակավորները և նետաձիգները անհավասար շղթայով ցրվեցին անտառեզրի երկարությամբ։ Ռոքստոնն ու Չելենջերը տեղ գրավեցին աջ թևում, ես և Սամերլին՝ ձախում։ Եվ այսպես, զինված հրացանային տեխնիկայի վերջին խոսքով, մենք կռվի էինք տանում քարե դարի վայրի հորդային։
 
Հակառակորդը երկար սպասեցնել չտվեց։ Թավուտ անտառը լցվեց երկարաձիգ ոռնոցով, և մահակներով ու քարերով զինված մարդակապիկների ոհմակը նետվեց հարձակվող հնդկացիների կենտրոնի վրա։ Դա համարձակ, բայց բավականին անմիտ մանևր էր, որովհետև անշնորհք, ծուռթաթ այդ էակները չէին կարող չափվել կատվի նման ճարպիկ բնիկների հետ։
 
Մի զարհուրելի տեսարան բացվեց մեր առաջ։ Մոլեգնած, փրփրաբերան կապիկները, աչքները կատաղորեն փայլեցնելով, նետվում էին իրենց դյուրաշարժ թշնամիների վրա, որոնք նետահարում էին նրանց։ Իմ մոտից ոռնոցով սլացավ մի վիթխարի հրեշ, կողքերին ու կրծքին նետեր շարվված։ Մեղքս եկավ նրան ու կրակեցի՝ նա ցած տապալվեց հալվեի թփերի մոտ։ Բայց այլևս հարկ չեղավ կրակելու, քանի որ հարձակումն ուղղված էր ուղիղ դեպի շղթայի կենտրոնը, և հնդկացիները ետ մղեցին այն առանց մեր օգնության։ Այդ գրոհին մասնակցած կապիկներից հազիվ թե մեկնումեկը ողջ ու անվնաս պրծած լիներ ծառերի պահպանության տակ։
 
Բայց երբ մտանք անտառ, խնդիրն ավելի լուրջ բնույթ ընդունեց։ Կատաղի մարտը տևեց մի ժամից ավելի, և ժամանակ առ ժամանակ ինձ թվում էր, թե մեր երգը երգված է։ Կապիկները դուրս էին թռչում թավուտից և մահակի մի հարվածով մեկեն երեք֊չորս հնդկացու ցած փռում՝ ժամանակ չտալով նրանց մինչև իսկ նիզակները գործի դնելու։ Այդ ծանր մահակների հարվածները կործանիչ էին։ Դրանցից մեկը իջավ Սամերլիի հրացանին, որից միայն տաշեղներ մնացին։ Մի րոպե ևս, և նույպիսի բախտ կվիճակվեր նրա գլխին, բայց ժամանակին վրա հասած հնդկացին նիզակահարեց մահակը վեր քաշած թշնամուն։ Ծառերին բարձրացած կապիկները քարեր և հսկայական ոստեր էին շպրտում մեզ վրա, ցատկում էին ներքև, խառնակույտի մեջտեղը, և կռվում էին կատաղաբար, մինչև արյան վերջին կաթիլը։ Հնդկացիներն ընկրկեցին, և եթե մեր հրացանների կրակը չլիներ, որը հսկայական վնաս էր պատճառում թշնամուն, ոչ մի բան նրանց ետ չէր պահի փախուստից։ Սակայն առաջնորդը նորից համախմեց իր ռազմիկներին և այնպիսի թափով գրոհի տարավ նրանց, որ այժմ արդեն մարդակապիկներն էին ստիպված նահանջելու։ Սամերլին անզեն էր, բայց ես գնդակ գնդակի ետևից էի ուղարկում, իսկ աջ թևից նույնպես անընդհատ կրակոց էր լսվում։
 
Վերջապես խուճապը համակեց կապիկներին։ Ոռնալով ու ճղճղալով, նրանք դեսուդեն ընկան, իսկ մեր դաշնակիցները վայրի աղաղակներով նետվեցին նրանց ետևից։
 
Այդ օրը պետք է հատուցեր մարդուն այն գժտությունների համար, որոնք չէին դադարում դարեդար, այն բոլոր դաժանությունների ու հալածանքների համար, որով հարուստ էր նրա աղքատիկ պատմությունը։ Այսուհետև նա դառնում էր սարահարթի տերը, իսկ մարդագազանը պետք է մեկընդմիշտ գրավեր իրեն արժանի ենթակայական տեղը։
 
Ինչպես էլ որ սլանում էին պարտվածները, այնուամենայնիվ ոչ մի բան նրանց չէր կարող փրկել հնդկացիներից։ Թավուտ անտառը շարունակ թնդում էր հաղթական ճիչերից, նետերի սուլոցից և ծառերից վայր ընկնող մարմինների խուլ թրմփոցից։
 
Ես վազում էի բոլորի հետ, երբ հանկարծ դեմ առա լորդ Ջոնին և Չելենջերին, որոնք մեզ էին փնտրում։
 
― Դե, վերջացած է, ― ասաց լորդ Ջոնը։ ― Եզրափակիչ մասը կարելի է թողնել հնդկացիներին։ Տեսարանը հաճելի չի լինի։ Որքան քիչ տեսնենք, այնքան ավելի հանգիստ կլինենք։
 
Չելենջերի աչքերը վառվում էին մարտական կրակով։
 
― Բարեկամներ, մեզ բախտ վիճակվեց ներկա գտնվել այն ճակատամարտերից մեկին, որոնք որոշում են պատմության հետագա ընթացքը, աշխարհի ճակատագիրը, ― ազդարարեց նա՝ հպարտ տեսքով ետ ու առաջ քայլելով մեր առաջ։ ― Ի՞նչ է նշանակում մի ժողովրդի հաղթանակը մյուսի նկատմամբ։ Պարզապես ոչինչ։ Նա դրությունը չի փոխում։ Բայց դաժան մարտերը այն ժամանակների արշալույսին, երբ քարայրաբնակները հաղթում էին վագրերին կամ երբ փիղն առջին անգամ իմացավ, որ ինքը տեր ունի՝ ահա դրանք իսկական նվաճումների էին, իսկական հաղթանակներ, որոնք հետք են թողնում պատմության մեջ։
 
Ինչպիսի՜ հավատ պետք էր ունենալ նման ջարդերի վերջնական նպատակահարմարության մասին, արդարացնելու համար դրանց դաժանությունը։
 
Անտառում քայլելիս ամեն քայլափոխում հանդիպում էինք կապիկների դիակների, որոնք խոցված էին հնդկացիների նետերով ու նիզակներով։ Մարդկային այլանդակված մարմինները ցույց էին տալիս առանձնապես տաք գոտեմարտի վայրերը, երբ թշնամին իր կյանքը թանկ էր վաճառել։ Առջևից շարունակ լսվում էին ճիչ ու ոռնոցներ, որոնցով մենք հետևում էինք հետապնդման ուղղությանը։ Մարդակապիկներին քշում էին դեպի իրենց քաղաքը, որտեղ նրանք հավաքեցին իրենց վերջին ուժերը։ Բայց ճնշվեցին։ Մենք վրա հասանք ճիշտ ժամանակին, որպեսզի ներկա գտնվենք եզրափակիչ ահավոր տեսարանին։ Հնդկացիները կռվում փրկված մոտ հարյուր կապիկների քշեցին քարափի եզրին գտնվող այն նույն այն բացատը, ոըը երկու օր առաջ վկա էր եղել մեր սխրագործություններին։ Մենք մոտեցանք այն րոպեին, երբ հաղթողները, նիզակները պատրաստ պահած, այդ խումբն առան կիսաշրջանի մեջ։ Ամեն ինչ վերջացավ մի քանի վայրկյանում։ Երեսուն֊քառասուն կապիկ փռվեցին տեղնուտեղը։ Մնացածները ճղավում էին, պաշտպանվում, բայց դա ոչնչով չօգնեց գործին։ Կապիկներին նետեցին անդունդ, ուր նրանք արժանացան իրենց նախկին զոհերի բախտին՝ դեմ առնելով սուր֊սուր բամբուկներին, որոնք աճում էին ներքևում, վեց հարյուր ոտնաչափ խորությամբ։
 
Չելենջերն իրավացի էր՝ այսուհետև մարդն ընդմիշտ իր իշխանությունը հաստատեց Մեպլ֊Ուայտի Երկրում։ Կապկացեղի արուները մինչև վերջ ոչնչացվեցին, նրանց քաղաքն ավերվեց, էգերն ու ձագերը գերություն քշվեցին։ Վերջին արյունալի մարտը վերջ դրեց մարդու և կապկի դարավոր ներքին պատերազմին։
 
Այդ հաղթանակը մեզ ևս նեղ տեղից հանեց։ Մենք վերադարձանք Չելենջերի ամրոցը, այնտեղ թողնված պաշարների մոտ, և կապ հաստատեցինք մեր նեգրի հետ, որը մահու չափ վախեցել էր, տեսնելով, թե կապիկներն ինչպես են կարկուտի նման թափվում անդունդ։
 
― Հեռացե՛ք էդտեղից, հեռացեք, ― ձայն էր տալիս նա, սարսափից աչքերը չռած։ ― Էստեղ դև, նա ձեզ կկործանի։
 
― Նեգրի բերանով ճշմարտությունն է խոսում, ― համոզված ասաց Սամերլին։ ― Բավական են արկածները, մանավանդ, որ նրանք իրենց բնույթով բոլորովին մեր աստիճանի մարդկանց համար չեն։ Չելենջեր, հիշեցնում եմ ձեզ ձեր խոսքերը։ Այսուհետև դուք պետք է մտածեք միայն այն մասին, թե ինչպես դուրս գանք այս ահավոր երկրից և վերադառնանք քաղաքակրթված աշխարհ։
 
 
==Գլուխ XV «Մեր աչքերի առաջ այնքան հրաշքներ բացվեցին»==
 
 
Օրեցոր առաջ եմ տանում օրագիրս և այնուամենայնիվ սպասում այն րոպեին, երբ կարելի կլինի գրել, որ մեր գլխին կախված ամպերը ցրվեցին, ու արևը դուրս նայեց նրանց միջից։ Մինչև հիմա չգիտենք, թե այստեղից ինչպես դուրս գանք, և դառնորեն գանգատվում ենք ճակատագրից։ Բայց և այնպես ես բոլորովին պարզ պատկերացնում եմ, որ երբևէ շնորհակալությամբ կհիշենք այս հարկադրական հապաղման մասին, որը հնարավորություն տվեց դիտելու Մեպլ֊Ուայտի Երկրի նորանոր հրաշքները և նրա բնակիչների կյանքը։
 
Հնդկացիների հաղթանակը մարդակապիկների ցեղի դեմ մեկեն փոխեց մեր վիճակը։ Այդ օրվանից մենք դարձանք սարահարթի իսկական տերերը, որովհետև բնիկները երկյուղով ու շնորհակալությամբ էին նայում մեզ, հիշելով, որ մեր հրաշագործ ուժը օգնեց նրանց հաշիվ տեսնելու իրենց վաղեմի թշնամիների հետ։ Նրանք, հավանորեն, դեմ չէին լինի, եթե այդ հզոր ու հանելուկային արարածները բոլորովին հեռանային սարահարթից, բայց ըստ երևույթին վայրէջքի ճանապարհը անհայտ էր նրանց։ Որքան հաջողվեց հասկանալ նրանց նշաններից, սարահարթն առաջ դաշտավայրի հետ կապված էր եղել թունելով, որի ներքևի ծայրը մենք տեսել էինք լեռնապարը շրջանցելիս։ Անհիշելի ժամանակներում այդ ճանապարհով սարահարթ էին բարձրացել մարդակապիկներն ու հնդկացիները, իսկ ոչ այնքան առաջ նրանցից օգտվել էր Մեպլ֊Ուայտն իր ընկերոջ հետ։ Բայց մի տարի առաջ այստեղ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, և թունելի վերևի մասը պինդ խցանվել էր ժայռի բեկորներով։ Երբ մենք ցանկություն հայտնեցինք իջնել ներքև, հովիտը, հնդկացիները միայն ուսերը թոթվեցին ու բացասաբար շարժեցին գլուխները։ Արդյոք իսկապե՞ս նրանք չէին կարող մեզ օգնել, թե՞ չէին ուզում՝ դժվար է ասել։
 
Հաղթական արշավից հետո հնդկացիները ողջ մնացած կապիկներին քշեցին սարայարթի մյուս ծայրը (աստվա՛ծ իմ, ճամփին նրանք ինչպե՜ս էին ոռնում) և բնակեցրին իրենց քարայրներից ոչ հեռու։ Այդ օրվանից կապիկների ցեղը դարձավ մարդու լիակատար ստրուկը։
 
Գիշերային լռության մեջ հաճախ էին լսվում երկար ու ձիգ աղաղակները որևէ նախնադարյան Եզեկիայի, որը ողորմ էր իր երբեմնի փառքը և կապկային քաղաքի երբեմնի մեծությունը։ Այսուհետև նվաճված կապիկները պետք է գոհանային իրենց տիրոջ՝ մարդու մոտ փայտահատների ու ջրկիրների համեստ դեր կատարելով։
 
Ճակատամարտից երկու օր հետո նորից կտրեցինք սարահարթը և ճամբար զարկեցինք կարմիր ժայռերի ստորոտում։ Հնդկացիներն առաջարկեցին տեղավորվել քարայրներում, բայց լորդ Ջոնը չհամաձայնեց, գտնելով, որ եթե նրանք որևէ դավ նյութեն մեր դեմ, ապա մենք ամբողջովին նրանց իշխանության տակ կլինենք։
 
Գերադասեցինք չկորցնել մեր անկախությունը և, ամենալավ հարաբերություններ պահպանելով դաշնակիցների հետ, համենայն դեպս զենքը պատրաստ էինք պահում։ Հաճախ էինք լինում նրանց քարայրներում, բայց այնպես էլ չպարզեցինք, թե հնդկացիներն ո՞ւմ էին պարտական այդ հիանալի կացարանով՝ իրենք իրե՞նց, թե բնությանը։ Քարայրները փորված էին միևնույն բարձրության վրա, ինչ֊որ փխրուն ապարում, որը տարածվել էր հրաբխային ծագում ունեցող կարմրավուն բազալտի և ամուր գրանիտի միջև։ Վերջինս ծառայում էր իբրև ապառաժների հիմք։
 
Քարայրները գտնվում էին գետնից մոտավորապես ութսուն ոտնաչափ բարձրության վրա, դեպի նրանց մուտքերը տանում էին քարե աստիճաններ, այնքան նեղ ու թեք, որ ոչ մի խոշոր կենդանի չէր կարող բարձրանալ դրանցով։ Ներսում տաք էր ու չոր։ Քարայրները տարբեր խորությամբ էին մտնում ապառաժների մեջ․ նրանց հարթ, գորշ պատերին ձգվում էին ածխափայտիներով նկարած սքանչելի պատկերներ, կենդանիներ, որոնք ապրում էին սարահարթում։ Եթե Մեպլ֊Ուայթի երկրում ոչ մի կենդանի արարած չմնար, ապագա հետազոտողը այդ քարայրների պատերին սպառիչ տեղեկություններ կգտներ նրա տարօրինակ ֆաունայի մասին, քանի որ այնտեղ կար ամեն ինչ՝ և դինոզավր, և՛ իգուանադոններ, և՛ թեփամորթների բոլոր տեսակները։
 
Իմանալով, որ հիմա իգուանադոնները հնդկացիների մոտ ձեռնասուն կենդանիներ կամ ավելի ճիշտ մի տեսակ քայլող մսի պահեստներ են համարվում, մենք կարծում էինք, թե մինչև իսկ այնպիսի անկատար զենքերի առկայությամբ, ինչպիսիք են նիզակը և նետ֊աղեղը՝ մարդն իր լիակատար տիրապետությունն է հաստատել սարահարթում։ Սակայն շուտով համոզվեցինք, որ դա ճիշտ չէ, որ առայժմ նրանց այստեղ հանդուրժում են միայն։
 
Դրաման տեղի ունեցավ քարայրների մոտ մեր տեղափոխվելուց երկու օր հետո։ Չելենջերն ու Սամերլին առավոտից գնացել էին լճի մոտ, ուր բնիկները հարպուններով խոշոր թեփամորթներ էին որսում նրանց համար։ Ես ու լորդ Ջոնը մնացել էինք ճամբարում։ Մեզնից ոչ հեռու, քարայրների առաջ, կանաչապատ զառիվայրին երևում էին գործով զբաղված հնդկացիներ։ Հանկարծ հարյուրավոր ձայներ զիլ կանչեցին․ «Ստո՛ա, ստո՛ա»։ Մեծ ու փոքր ամեն կողմից նետվեցին դեպի քարայրները և իրար հրհրելով սկսեցին քարե աստիճաններով մագլցել դեպի վեր։
 
Հասնելով իրենց կացարանները նրանք ձեռքները թափահարեցին՝ հրավիրելով մեզ որքան կարելի է շուտ միանալ նրանց։ Մենք խլեցինք հրացանները և վազեցինք պարզելու, թե ինչ է պատահել։ Իսկ այդ պահին փոքրիկ պուրակից ամբողջ թափով դեպի մեզ էին վազում տասը֊տասնհինգ հնդկացիներ, որոնց կրնկակոխ հետապնդում էին երկու հրեշ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսին հին ճամբարում հայտնված մեր անկոչ հյուրն էր, և իմ գիշերային հետապնդողը։ Նրանք առաջ էին շարժվում ցատկումներով և նման էին հսկա, նողկալի դոդոշների։ Մինչև այժմ մենք այդ հսկաներին տեսել էինք միայն մթության մեջ, որովհետև նրանք գիշերն են որսի ելնում, իսկ ցերեկն իրենց որջերից դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ նրանց անհանգստացնում են, ինչպես այս անգամ։ Կանգնել էինք՝ ապշահար մեր առաջ բացված տեսարանից։ Այդ հրեշների պուտ֊պուտ գորտնուկավոր մաշկը արևի տակ փայլփլում էր բոլոր գույներով, շողում ինչպես ձկնաթեփուկ։ Ասենք, մեզ երկար դիտել չվիճակվեց, որովհետև այդ վիթխարի դոդոշները մի քանի թռիչքով հասան դժբախտ հնդկացիներին․․․ Եվ այստեղ սկսվեց մի զարհուրելի բան։ Իրենց ողջ ծանրությամբ փլվելով ամենամոտիկ զոհի վրա, նրանք թողին նրան՝ ճզմված, այլանդակված, և նետվեցին հաջորդի ետևից։ Հնդկացիները վայրի աղաղակներով սլանում էին դեպի քարայրները, բայց չկարողացան ազատվել հետապնդողներից։ Նրանք կործանվում էին իրար ետևից, և այն պահին, երբ լորդ Ջոնն ու ես օգնության հասանք, նրանց ողջ խմբից հազիվ հինգ֊վեց հոգի էր մնացել։ Ասենք, մենք ոչ միայն չօգնեցինք նրանց, այլև քիչ մնաց ինքներս էլ զոհվեինք։ Գնդակ գնդակի ետևից խրվում էր այդ արարածների մարմնի մեջ, նույնպիսի ազդեցություն թողնելով, ինչպես եթե մեր հրացանները լցված լինեին թղթե գնդիկներով։ Բայց չէ՞ որ մենք կրակում էինք մի երկու հարյուր քայլից։ Վիթխարի սողունները վերքերից չէին վախենում, իսկ ուղեղային կենտրոնական ապարատի բացակայությունը նույնիսկ ամենաժամանակակից զենքը դարձնում էր անօգուտ նրանց դեմ կռվելիս։ Միակ բանը, որ մեզ հաջողվեց, այդ կրակոցների ձայնով ու կրակի բռնկումներով նրանց ուշադրությունը գրավելն էր, որը հնարավորություն տվեց թե՛ մեզ, թե՛ հնդկացիներին վազել մինչև փրկարար աստիճանները։
 
Բայց այնտեղ, ուր քսաներորդ դարի պայթուցիկ գնդակներն անզոր էին, ստիպված էինք հույս դնել վայրենիների թունավոր նետերի վրա, որոնք թաթախված էին ստրոֆանտի<ref>Ստրոֆանտ ― թունավոր բույս։</ref> մեջ և որոնց դիաթույն էր քսած։ Այդպիսի նետերը որսի ժամանակ անօգուտ էին, որովհետև մինչպատմական հրեշների արյան շրջանառությունն այնքան դանդաղ է կատարվում, որ նրանք սովորաբար կարողանում են հասնել ու պատառոտել զոհին, նախքան թույնի ներգործությունը։ Բայց այժմ դրությունն այլ էր․ հենց որ մեզ հետապնդողները հասան այրերը տանող քարե աստիճաններին, քարափի յուրաքանչյուր ճեղքից սուլոցով թռան նետերը։ Հրեշների վրա ասես փետուրներ բսնեցին, բայց, ինչպես երևում է, առաջին րոպեներին ցավը չէր զգացվում, քանի որ նրանք շարունակում էին անզոր կատաղությամբ վեր մագլցել սանդուղքով, չկամենալով որսը բաց թողնել։ Դժվարությամբ մի քանի աստիճան հաղթահարելուց հետո, նրանք իսկույն էլ ցած գլորվեցին։ Բայց ահա թույնն սկսեց ներգործել։ Գազաններից մեկը խուլ կերպով ոռնաց և տափակ, հսկայական գլուխը սեղմեց գետնին։ Երկրորդը սուր ձայնով կողկոնձաց, մի քանի անհեթեթ թռիչքներ գործեց, ապա գալարվելով ընկավ առաջինի կողքին և շուտով նույնպես լռեց։ Հնդկացիները խմբով դուրս թափվեցին այրերից և ցնծագին ճիչերով շրջապատեցին դիակները՝ տոնելով երկու վտանգավոր թշնամիների դեմ տարած հաղթանակը։
 
Այդ միսն ուտել չէր կարելի, քանի որ թույնը շարունակում էր ներգործել։ Նույն գիշերն իսկ հնդկացիները երկու դիակն էլ կտոր֊կտոր արին և տարան անտառ, որպեսզի այնտեղի օդը չվարակվեր։ Քարայրների մոտ մնացին միայն երկու հսկայական սրտեր, յուրաքանչյուրը մի բարձի չափ․ դրանք ապրում էին ինքնուրույն կյանքով, դանդաղ ու ռիթմիկ սեղմվելով ու ընդարձակվելով, և այդ գարշելի բաբախումը շարունակվեց մեկ օր, երկու օր ու դադարեց միայն երրորդ օրը։
 
Երբ ես իսկական սեղան կունենամ և ոչ թե դրան փոխարինող պահածոյի տուփ, և գրելու ավելի լավ պարագաներ, քան կրծած մատիտի կտորն է ու մի֊միակ քրքրված ծոցատետրը, այն ժամանակ մանրամասն կնկարագրեմ ակկալա ցեղի հնդկացիներին, մեր կյանքը նրանց հետ և Մեպլ֊Ուայտի կախարդական Երկիրը, որը քիչ առ քիչ մեր առջև բացում էր իր հրաշալիքները։ Հիշողությունս ինձ չի դավաճանի, մանկության առաջին տպավորությունների հետ միասին այնտեղ մինչև իմ օրերի վերջը կպահպանվի սարահարթում անցկացրած յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր ժամը, և ուրիշ ոչ մի բան դուրս չի մղի այդ հիշողությունները։ Կգա ժամանակ, և ես կնկարագրեմ այն լուսնային գիշերը կենտրոնական լճում, երբ հնդկացիները ցանցով որսացին մի ջահել իխտիոզավրի,<ref>Իխտիոզավր ― մեզոզոյան դարաշրջանի ծովային սողուն, որը ձկան ձև է ընդունել, նման է դելֆինի։</ref> որը նման է ոչ այն է փոկի, ոչ այն է երեքաչքանի ձկան, ըստ որում երրորդ աչքը գտնվում էր գագաթին, իսկ մյուս երկուսը պաշտպանված էին ոսկրյա թիթեղիկներով։ Նույն գիշեր ջրային կանաչ մի օձ եղեգնուտից նետի պես դուրս թռավ դեպի մեզ, իր օղակների մեջ առավ Չելենջերի նավակի ղեկը վարողին և մտավ ջրի տակ։
 
Չեմ մոռանա պատմել նաև այն արտասովոր սպիտակ արարածի մասին, ― մինչև այսօր էլ չգիտենք, թե դա ի՞նչ էր՝ սողո՞ւն թե՞ գազան, ― որն ապրում էր կենտրոնական լճից արևելք ընկնող հոտած ճահճում և գիշերները թափառում էր թփերի մեջ՝ թույլ ֆոսֆորային լույս արձակելով։ Հնդկացիներն այնպես էին վախենում նրանից, որ նույնիսկ մոտ չէին գնում այդ ճահճին, իսկ մենք երկու անգամ եղանք այնտեղ, հեռվից տեսանք այդ գազանին, բայց խրուտների վրայով չկարողացանք հասնել նրան։ Կասեմ միայն, որ նա կովից մեծ էր և տհաճ թթվահոտ էր արձակում։
 
Իմ ապագա գրառումներում կգտնեք նաև հիշատակություն մի վիթխարի, արագավազ թռչնի մասին, որի ձեռքից մի անգամ Չելենջերը ազատվեց ժայռերի տակ թաքնվելով։ Նա ջայլամից շատ ավելի բարձր էր․ գանգի նման այլանդակ գլուխը նստած էր երկար, մերկ պարանոցին։ Երբ Չելենջերը քարերի վրայով մագլցում էր վերև, նա իր կեռ կտուցի մի հարվածով, ինչպես դուրով, պոկեց նրա կրունկը։ Բայց այս անգամ ժամանակակից զենքն իրեն չխայտառակեց․ տասներկու ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի ֆորորակոսը<ref>Ֆորորակոս ― մեռած հսկա թռչուն, որը թռչել չի կարողացել․ այլ վազել է ինչպես ջայլամը։</ref> (ցնծացող պրոֆեսորը, որը դեռ ինչպես հարկն է շունչը ետ չէր բերել, հայտնեց արդեն նրա անունը) տապալվեց գետնին, խոցված լորդ Ջոնի գնդակից։ Նա ջղաձգորեն ցնցում էր ոտքերը՝ փետուրի ամպեր բարձրացնելով ու չհեռացնելով մեզանից դեղին աչքերի ցասկոտ կրակով վառվող հայացքը։ Ինչպե՜ս կուզեի ապրել մինչև այն օրը, երբ այս կատաղի, տափակ գլուխը մյուս որսավարի հետ կգրավի իր տեղը Օլբենիի աշխատասենյակում։
 
Ի վերջո, հարկ կլինի հիշատակել անպայման տոքսոդոնին<ref>Տոքսոդոն ― մեռած խոշոր կաթնասուն, որը հասակով գերազանցում էր ռնգեղջյուրին։</ref> ― տասը ոտնաչափ բարձրություն ունեցող ծովային հսկա խոզին՝ դուրս ընկած սուրը ատամներով, որին մի անգամ լուսադեմին խփեցինք ջուր խմելիս։
 
Ժամանակին այս ամենը կպատմեմ ավելի մասնրամասն և մեր արկածների հետ միասին սիրով կնկարագրեմ ամառային այն հրաշալի գիշերները, երբ չորս բարեկամներով պառկում էինք անտառի եզրին որևէ տեղ, մեզ անհայտ վառ ծաղիկների մեջ և, հյութեղ պտուղներով ծանրաբեռնաված ճյուղերի միջից նայելով վերև, զարմանում բարձր երկնքի կապույտում ճախրող արտասովոր թռչուններով, ապա հայացքներս դարձնում էինք խիտ խոտերին ու հետևում այն տարօրինակ արարածների շարժումներին, որոնք դուրս էին սողում իրենց բներից մեզ նայելու․ կնկարագրեմ այն երկար լուսնային գիշերները, երբ մենք նավակներով լողում էինք լճի մեջտեղը և ակամա վախով դիտում նրա փայլուն մակերեսը․ ահա ինչ֊որ ֆանտաստիկ հրեշ դուրս նետվեց՝ լայն օղակներ առաջացնելով ջրի երեսին․․․ ահա մութ խորությունը լուսավորվեց կանաչավուն լույսով, որը նշում է մի նոր, մեզ անհայտ արարածի ուղին․․․ Ես այս պատկերները կհիշեմ բոլոր մանրամասնություններով, և երբևէ իմ հիշողությունն ու գրիչը պատշաճը կհատուցեն դրանց։
 
Բայց դուք հավանորեն կհարցնեք, թե ինչպես կարող էինք զբաղվել նման դիտողություններով, երբ անհրաժեշտ էր գիշեր֊ցերեկ քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու միջոցներ որոնել։ Կպատասխանեմ, որ բոլորս էլ դրա վրա գլուխ էինք կոտրում, բայց իզուր։ Միայն մի բան պարզվեց՝ հնդկացիների օգնության վրա հույս դնել չէր կարելի։ Նրանք մեր բարեկամներն էին և համարյա ստրկական անձնվիրությամբ էին վերաբերում մեզ, բայց հենց որ խոսք էինք գցում օգնության մասին, որպեսզի որևէ երկար տախտակ քարշ տային քարափի մոտ կամ կաշիներից ու լիանաներից ճոպան գործեին, իսկույն մեզ լռեցնում էին մեղմ, բայց վճռական մերժումով։ Հնդկացիները ժպտում էին, աչքով անում մեզ, գլուխներն օրորում, և գործը դրանից այն կողմ չէր գնում։ Նույնիսկ ծերունի առաջնորդը տեղի չէր տալիս, և միայն նրա որդի Մարետասն էր տխուր նայում սպիտակ մարդկանց ու նշաններով իր անկեղծ համակրանքն արտահայտում։
 
Կապիկների հետ ունեցած ճակատամարտից հետո հնդկացիները նայում էին մեզ վրա իբրև գերմարդկանց, որոնք հաղթանակի երաշխիքը կրում էին իրենց խորհրդավոր, մահ շնչող խողովակներում, և կարծում էին, որ քանի մենք իրենց հետ ենք, բախտը նրանց չի դավաճանի։ Մեզ առաջարկեցին կարմրամորթ կանայք ձեռք բերել և սեփական քարայրներ սարքավորել, միայն թե մոռանայինք մեր ժողովուրդը ու ընդմիշտ մնայինք սարահարթում։ Առայժմ ամեն ինչ անցնում էր հանգիստ ու խաղաղ, բայց գիտեինք, որ հարկավոր է մեր պլանները գաղտնի պահել, այլապես, այդ մասին իմանալով, հնդկացիները կարող էին ուժով պահել մեզ իրենց մոտ։
 
Չնայած դինոզվրերին հանդիպելու հնարավորության (ասենք այդ վտանգն այնքան էլ մեծ չէր․ ինչպես ասվեց վերևում, նրանք գլխավորապես գիշերներն էին որսի դուրս գալիս), վերջին երեք շաբաթվա ընթացքում ես երկու անգամ գնացի մեր հին ճամբարը՝ Սամբոյին տեսնեուլու, որն առաջվա նման մնացել էր իր դիրքում, սարահարթի ստորոտին։ Աչքերս ագահորեն սահում էին անծայր հարթավայրով մեկ՝ այնտեղից սպասվող օգնության հույսով։ Բայց կակտուսներով ծածկված արձակ դաշտն ամայի էր և ոչ մի բան չէր խախտում նրա միօրինակությունը մինչև այնտեղից հազիվ նկատելի բամբուկի մացառուտների պարիսպը։
 
― Նրանք շուտով գալ, միստր Մելոուն։ Մի շաբաթ էլ սպասեք։ Հնդկացիներ գալ ճոպաններով, ձեզ իջեցնել էդտեղից։ ― Այսպես սրտապնդում էր ինձ մեր հիանալի Սամբոն։
 
Երկրորդ անգամ գիշերեցի հին ճամբարում, իսկ առավոտյան վերադառնալիս ինձ մի անակնկալ էր սպասում։ Քայլում էի ծանոթ ճամփով և արդեն հեռու չէի պտերոդակտիլների ճահճից, երբ արջևս թփերի միջից հանկարծ երևաց ինչ֊որ տարօրինակ առարկա։ Մոտիկից նայեցի պարզվեց, որ դա մարդ է․ նա քայլում էր, հագած պատյանի կամ եղեգնե վանդակի նման մի բան, որը նրան պաշտպանում էր ամեն կողմից։ Որքա՜ն եղավ զարմանքս, երբ ճանաչեցի, որ դա լորդ Ջոն Ռոքստոնն էր։ Ինձ տեսնելով՝ նա դուրս եկավ այդ անհեթեթ սարքի միջից ու ծիծաղեց, բայց նրա տեսքը մի փոքր շփոթված էր։
 
― Այդ դո՞ւք եք, երիտասարդ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Այսպիսի հանդիպում բոլորովին չէի սպասում։
 
― Այստեղ ի՞նչ եք անում, ― հարցրի ես։
 
― Այցելության եմ եկել իմ բարեկամ պտերոդակտիլներին, ― հանգիստ պատասխանեց նա։
 
― Ինչի՞ համար։
 
― Հետքրքիր գազանիկներ են, միայն թե խիստ անհյուրնկալ։ Ասենք դուք էլ գիտեք, թե նրանք ինչպես են դիմավորում անկոչ այցելուներին։ Ես էլ ահա այս զամբյուղն եմ պատրաստել, որպեսզի պաշտպանվեմ նրանց գուրգուրանքներից։
 
― Բայց ի՞նչ եք ուզում այդ ճահճից։
 
Լորդ Ջոնը փորձող հայացքով նայեց ինձ, և ես հասկացա, որ ինչ֊որ կասկածներ տանջում են նրան։
 
― Ձեր կարծիքով, հետաքրքրությունը հատուկ է միայն պրոֆեսորի կոչում ունեցող մարդկա՞նց, ― վերջապես ասաց նա, ― Ուսումնասիրում եմ այդ սիրելի էակներին, ահա և բոլորը։ Այսպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է։
 
― Ներեցեք, ― ասացի ես։
 
Բայց բարեհոգությունը այս անգամ էլ չդավաճանեց լորդ Ջոնին։ Նա ծիծաղեց։
 
― Մի նեղացեք, երիտասարդ։ Ուզում եմ Չելենջերի համար մի փոքրիկ ձագուկ ձեռք բերել։ Դա իմ գլխավոր խնդիրն է։ Ոչ, շնորհակալ եմ, ձեր օգնությունը հարկավոր չէ։ Այս վանդակի մեջ ես ոչ ոքից չեմ վախենում, իսկ դուք անպաշտպան եք։ Դե, ցտեսություն, սպասեցեք ինձ երեկոյան դեմ։
 
Նա իր անհեթեթ զամբյուղը քաշեց գլխին, շուռ եկավ ու քայլեց դեպի անտառ։
 
Եթե լորդ Ջոնի վարմունքը մի փոքր տարօրինակ էր այդ օրերին, ապա ի՞նչ ասել Չելենջերի մասին։ Հարկ է նշել, որ մեր պրոֆեսորն ինչ֊որ ձգողական ուժ ուներ հնդկուհիների համար, ուստի ստիպված էր միշտ արմավենու մի մեծ ճյուղ պահել մոտը, որով նա ճանճերի նման քշում էր իր երկրպագուներին, երբ նրանք արդեն իրենց ուշադրությամբ չափից դուրս նեղում էին նրան։ Պատկերացրեք, թե դա ինչպիսի տեսարան էր, թերևս ամենակոմիկականը այն ամենից, ինչ բախտ վիճակվեց տեսնելու Մեպլ֊Ուայտի Երկրում։ Թաթերը տարբեր կողմեր դնելով՝ Չելենջերն ընթանում էր իշխանության խորհրդանիշը ձեռքին, իսկ նրա ետևից, ինչպես օպերետային սևամորուք սուլթանի, ձգվում էր հնդկացի աղջիկների շքախումբը, բուսական բարակ թելից հյուսած հագուստները հագներին։
 
Ինչ վերաբերում է Սամերլիին, ապա նա գլխովին թաղված էր Մեփլ֊Ուայտ Երկրի միջատների ու թռչունների ուսումնասիրության մեջ և ամբողջ իր ժամանակն անց էր կացնում ձեռք գցած օրինակները պատրաստելով (եթե չհաշվենք այն ժամերը, որոնք գնում էին կռիվ մղելու Չելենջերի հետ, որն իբր թե չէր ուզում մեզ դուրս բերել դժվարին դրությունից)։
 
Չելենջերը սովորություն էր դարձրել ամեն առավոտ չքանալ և միայն կեսօրին վերադառնալ այնպիսի հաղթական տեսքով, ասես թե նրա ուսերին էր ծանրացած ինչ֊որ չափազանց կարևոր գործի պատասխանատվության բեռը։
 
Մի գեղեցիկ օր, չբաժանվելով արմավենու ճյուղից, նա մեզ տարավ իր հետ և բացատրեց իր գաղտնի ծրագիրը։
 
Դուրս եկանք արմավենիների պուրակի միջև ընկած մի փոքրիկ բացատ և տեսանք մեկն այն ցեխի հեյզերներից, որոնց մասին արդեն խոսել եմ։ Չորս կողմ թափված էին իգուանադոնի կաշվից կտրած բազմաթիվ փոկեր․ այդտեղ ընկած էր նաև թաղանթի մի մեծ կտոր։ Վերջում պարզվեց, որ դա ոչ այլ ինչ է, քան եթե ձկնանման թեփամորթի քերված ու չորացված ստամոքս։ Չորս կողմից կարված այդ կաշվի մեջ փոքրիկ ծակեր էին թողնված բամբուկի կտրվածքների համար, որոնց հակառակ ծայրերը միացված էին ցեխի ձագարներին։ Այդ ձագարներն իրենց մեջ էին ամբարում այն գազը, որը պղպջակներով անջատվում էր տաք հեյզերից։ Շուտով նստած ստամոքսն սկսեց կամաց֊կամաց ուռչել և վեր բարձրանալու այնքան ակնհայտ մտադրություն ցույց տալ, որ Չելենջերն ստիպված էր նրան օղակող փոկերը կապել ծառերին։ Կես ժամ հետո նա վերածվեց իսկական օդապարիկի և դատելով նրանից, թե այդ փուչիկն ինչպես էր գոտիները ձգում դեպի վեր, նրա ամբարձի ուժը շատ մեծ էր։ Չելենջերը լուռ նայում էր իր հանճարի ստեղծագործությանը և ինքնագոհությամբ մորուքը շոյում՝ ոչ ավել, ոչ պակաս երջանիկ հայր, որը հիանում է իր առաջնեկով։
 
Երկարող լռությունը խզեց Սամերլին։
 
― Մի՞թե դուք պատրաստվում եք առաջարկել մեզ այս բանով վեր բարձրանալ, ― սառցային տոնով հարցրեց նա։
 
― Առայժմ պատրաստվում եմ ձեր առաջ ցուցադրել սրա հզորությունը, սիրելի Սամերլի, արպեսզի այդ ուղղությամբ ոչ մի կասկած չունենաք։
 
― Այդ դեպքում խորհուրդ եմ տալիս մտքներիցդ հանել այդ անմտությունը, ― վճռական տոնով ասաց Սամերլին։ ― Ոչ մի կերպ ինձ չեք հարկադրի համաձայնել նման խելագարության հետ։ Լորդ Ջոն, հուսով եմ, որ դուք չեք պաշտպանի այս արկածախնդրությունը։
 
― Սրամի՛տ բան է, ― ասաց մեր ղեկավարը։ ― Հետաքրքիր կլիներ գործողության մեջ տեսնել սա։
 
― Հիմա կտեսնեք, ― ասաց Չելենջերը։ Վերջին օրերս ես լարել էի մտքիս բոլոր ուժերը, որպեսզի լուծեի այստեղից դուրս պրծնելու հարցը։ Մենք արդեն համոզվել ենք, որ սեպ ժայռերով իջնելն անհնարին է, իսկ թունելն այլևս գոյություն չունի։ Ժայռի վրա կամուրջ նետել անկասկած չի հաջողվի։ Այդ դեպքում ի՞նչ անել։ Մի անագամ ես ասացի մեր պատանի բարեկամին, որ այս հեյզերներն ազատ վիճակում ջրածին են զատում։ Այստեղից տրամաբանորեն ծագեց օդապարիկի միտքը։ Խոստովանում եմ, որ ինձ մի փոքր շփոթում էր դրա համար թաղանթ գտնելու հարցը, բայց երբ աչքիս ընկան այստեղի սողունների հսկայական փորոտիքները, սյլևս կասկածներս վերացան։ Եվ ահա իմ ջանքերի արդյունքները։
 
Նա մի ձեռքը դրեց իր պատռտված բաճկոնակի եզրին, իսկ մյուսը հպարտությամբ առաջ պարզեց։
 
Մինչ այդ փուչիկը վերջնականապես կլորացավ, և փոկերն արդեն հազիվ էին պահում նրան։
 
― Զառանցանք, մաքուր զառանցանք, ― փնչացրեց Սամելին։
 
Բայց լորդ Ջոնը հիացած էր Չելենջերի մտքից։
 
― Ա՛յ թե գլուխ ունի մեր ծերուկը, ― շշնջաց նա ինձ։ Ապա բարձրաձայն ասաց, ― իսկ զամբյուղ որտեղի՞ց կգտնենք։
 
― Այժմ կմտածեմ զամբյուղի մաին։ Արդեն որոշ նկատառումներ ունեմ այդ առթիվ։ Իսկ առայժմ ցույց տամ, որ իմ ապարատն ի վիճակի է բարձրացնելու մեզ։
 
― Ուզում եք ասել բոլորիս միասի՞ն։
 
― Ո՛չ, մենք կիջնենք իրար ետևից, ոնց որ պարաշյուտով։ Ետ բարձրաբալու սարքը դեռ կմտածեմ։ Եթե իմ ապարատը մի մարդու ծանրության դիմանա և զգուշությամբ ցած իջեցնի նրան, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Հիմա կփորձենք։
 
Նա քարշ տվեց բազալտի մի բավական մեծ բեկոր և կապեց այն նույն լարով, որի օգնությամբ մենք բարձրացել էինք բրգաձև ժայռի վրա։ Լարը հարյուր ոտնաչափ երկարություն ուներ և չնայած հաստ չէր, բայց խիստ ամուր էր։ Հետո մեզ ցույց տրվեց երկար թելերով կաշվե վզնոցի նման մի բան։ Չելենջերն այդ վզնոցը հագցրեց օդապարկի վրա, ցած կախված թելերն հավաքեց այնպես, որպեսզի բեռան ծանրությունը հավասարաչափ բաշխվի ամբողջ մակերեսին, բազալտի բեկորը կապեց դրանց, իսկ լարի ծայրը փաթաթեց իր ձեռքին։
 
― Հիմա ցույց կտամ իմ օդապարիկի բեռնունակությունը, ― ասաց նա՝ նախօրոք ճաշակելով իր հաղթանակը, և այդ խոսքերով կտրեց ամուր ձգված փոկերը։
 
Դեռ երբեք մեր արշավախումբն այդքան մոտ չէր եղել կործանման։ Գազով լցված թաղանթը սրընթաց նետվեց վեր, իր հետ տանելով Չելենջերին։ Ես հազիվ հասցրի գրկել նրա իրանը և նույնպես օդ բարձրացա։ Լորդ Ջոնն ասես աքցաններով կառչեց իմ ոտքերից և թռավ մեր ետևից։ Մի վայրկայն երևակայությանս մեջ այսպիսի տարօրինակ տեսարան պատկերացավ․ չորս խիզախ ճանապարհորդներ նրբերշիկի դրասանգի նման կախվել են մի երկրի վրա, որի գաղտնիքները ջանում էին բաց անել։ Բայց բարեբախտաբար, լարի ամրությունն ինչ֊որ սահման ուներ, մի բան, որ ըստ երևույթին, չէր կարելի ասել այդ սատանայական ապարատի բարձրացնող ուժի մասին։ Մի ճթթոց լսվեց, և մեր եռյակը քարի պես ցած ընկավ։ Խճճվելով կտրատված թելերի մեջ, դժվարությամբ ելանք ոտքի և տեսանք, թե բազալտի բեկորն ինչպես սրնթաց բարձրանում է վեր, հազիվ նկատելի կետի պես սևի տալով վառ երկնքում։
 
― Փայլուն է, ― բացականչեց անվհատ Չելենջերը՝ շփելով ճմլված ձեռքը։ ― Փորձն ավելի քան լավ հաջողվեց։ Ինքս էլ այդպիսի հաջողության հույս չունեի։ Ջենտլմեններ, խոստանում եմ, նոր օդապարիկը պատրաստ կլինի մի շաբաթից հետո, և մենք նրանով բոլորովին հանգիստ կկատարենք հայրենիք վերադառնալու ճամբորդության առաջին էտապը։
 
Մինչև այստեղ օրագրիս գրառումները կատարում էի դեպքից դեպք, իսկ այժմ, երբ ոչինչ չի սպառնում մեզ, երբ բոլոր ձախորդությունները մնացին ետևում, ինչպես երազ, պատմությունը ավարտում եմ կարմիր ապառաժների ստորոտի այն նույն ճամբարում, որտեղ Սամբոն սպասում էր մեզ։
 
Վայրէջքը կատարվեց առանց բարդությունների, բայց ո՞վ կարող էր ենթադրել, թե ամեն ինչ այդպես կստացվի։ Մեկուկես֊երկու ամիս հետո կլինենք Լոնդոնում, և թերևս իմ նամակը մեզնից այնքան էլ շուտ չհասնի այնտեղ։ Բոլոր մտքերով ու զգացմունքներով արդեն տանն ենք, հարազատ քաղաքում, որտեղ յուրաքանչյուրիս համար այնքա՜ն թանկագին ու սիրելի բան է մնացել։
 
Մեր ճակատագրի մեջ բեկում կատարվեց այն օրը, երբ Չելենջերն իր ինքնաշեն օդապարիկի վտանգավոր փորձն արեց։ Արդեն ասել եմ, որ միակ մարդը, որը համակրում էր սարահարթից հեռանալու մեր փորձերին, մեր փրկած պատանին էր՝ ծեր առաջնորդի որդին։ Նրա խիստ արտահայտիչ շարժումներից հասկացանք, որ նա չի ուզում կամքներիս հակառակ մեզ պահել օտար երկրում։
 
Այդ երեկո արդեն մթնով, Մարիետասն աննկատելի թափանցեց ճամբար, ինձ պարզեց ծառի կեղևի ոչ մեծ մի փաթեթ (չգիտես ինչու նա միշտ գերադասում էր գործ ունենալ ինձ հետ, գուցե նրա համար, որ մենք մոտավորապես տարեկիցներ էինք), ապա վեհապանծորեն ձեռքով արեց՝ ցույց տալով քարայրները, հանդիսավոր կերպով մատը դրեց շրթունքներին՝ ի նշան լռության և նույնպես աննկատ վերադարձավ յուրաինների մոտ։
 
Ես ավելի մոտ նստեցի խարույկին, և մենք ուշադիր զննեցինք ինձ հանձնված փաթեթը։ Ծառի կեղևի այդ մի ոտնաչափ քառակուսի կտորի ներսում, սպիտակ երեսին, ածուխով գծիկներ էին քաշված, որոնք հիշեցնում էին պարզունակ նոտագրություն։
 
Ուշադրություն դարձրի՞ք, թե նա ինչ բազմանշանակ տեսք ուներ, ― հարցրի ընկերներիս։ ― Սա մեզ համար ինչ֊որ խիստ կարևոր բան է։
 
― Իսկ միգուցե այդ վայրենին որոշել է մի լավ կատակ անել մեզ հետ, ― ասաց Սամերլին։ ― Հավանորեն, մարդու զարգացումն սկսվում է այդպիսի տարրական զվարճություններից։
 
― Սա ինչ֊որ ծածկագիր է, ― ասաց Չելենջերը։
 
― Կամ ռեբուս, ― շարունակեց լորդ Ջոնը, նայելով իմ ուսի վրայից, և հանկարծ կեղևը ձեռքիցս խլեց։ ― Ազնի՛վ խոսք, կարծես թե ես գլխի եմ ընկնում։ Երիտասարդն իրավացի է։ Նայեցեք։ Քանի՞ գիծ կա այստեղ։ Տասնութ։ Իսկ ինչքա՞ն քարայր կա զառիվայրի այն կողմը։ Նույնպես տասնութ։
 
― Իսկապես։ Ախր նա հենց այն կողմն էլ ցույց տվեց, ― ասացի ես։
 
― Ուրեմն, ճիշտ է։ Սա այրերի հատակագիծն է։ Տեսեք, ընդամենը տասնութ գծիկ՝ կան երկարները, իսկ մի քանիսը երկճյուղվում են։ Մեկի տակ խաչ կա։ Ինչո՞ւ։ Հավանորեն, որպեսզի առանձնացնի այրերից մեկը, որը մնացածներից ավելի խորն է։
 
― Միջանցի՛կ, ― գոչեցի ես։
 
― Ըստ երևույթին մեր պատանի բարեկամն իրավացի է, ― պաշտպանեց ինձ Չելենջերը։ ― Այլապես ինչո՞ւ պետք է հնդկացին սա խաչով նշեր։ Չէ՞ որ նա բոլոր հիմքերն ունի բայրացակամ վերաբերվելու մեր հանդեպ։ Բայց եթե քարայրն իրոք միջանցիկ է և մյուս կողմից դուրս է գալիս նույնպիսի բարձրության վրա, ապա այնտեղ մինչև գետին հարյուր ոտնաչափից ավելի չի լինի։
 
― Հարյուր ոտնաչափը դատարկ բան է, ― մռմռթաց Սամերլին։
 
― Բայց չէ՞ որ մեր լարն ավելի երկար է, ― բացականչեցի ես։ ― Մենք ցած կիջնենք առանց որևէ դժվարության։
 
― Իսկ հնդկացիների մոռացե՞լ եք, ― անձնատուր չէր լինում Սամերլին։
 
― Այդ քարայրներն անբնակ են, ― ասացի ես։ ― Դրանք ծառայում են իբրև պահեստներ ու ամբարներ։ Եկեք անմիջապես բարձրանանք այնտեղ և հետախուզություն կատարենք։
 
Սարահարթում աճում է մի ամուր, խեժառատ ծառ, մեր բուսաբանի ասելով, թեփատերև եղևնու մի տեսակը, որի ճյուղերը հնդկացիները օգտագործում են իբրև ջահեր։ Ամեն մեկս մի խտիտ այդպիսի ճյուղեր վերցրինք և մամռակալած աստիճաններով բարձրացանք պլանում խաչով նշված քարայրը։ Ինչպես և ենթադրում էի ես, նա անբնակ էր, եթե չհաշվենք բազմաթիվ հսկայական չղջիկներին, որոնք թևերի ուժգին թափահարումներով շարունակ պտտվում էին մեր գլխավերևում։ Չուզենալով հնդկացիների ուշադրությունը գրավել՝ մենք երկար թափառում էինք մթության մեջ, շոշափելով ինչ֊որ ոլորապտույտներ, անկյուններ, և միայն մուտքից բավական հեռանալուց հետո ջահերը վառեցինք։ Մեր աչքերի առաջ բացվեց հատկը չոր, սպիտակ մանրախճով ծածկված մի թունել՝ կամարակապ առաստաղով ու հարթ, գորշ պատերով, որոնք ծածկված էին կենդանիների նկարներով։ Արագ առաջ գնացինք և հանկարծ բոլորս մեկեն հիասթափված կանգ առանք․ մեր առաջ բարձրանում էր միակտուր քարե պատնեշ՝ ո՛չ ճեղք, ո՛չ պատռվածք, անգամ մկնիկը չէր կարող անցնել։ Այստեղ ելք չէր եղել։
 
Տխրությամբ նայեցինք մեր ճամփան փակող արգելքին։ Այդ պատը ոչնչով չէր տարբերվում թունելի կողքի պատերից, հետևաբար այստեղ փլվածք չէր կարող լինել․ ինչպես արդեն մեզ ծանոթ այն ստորերկրյա անցքում։ Սա իսկական փակուղի էր, ուրիշ ոչինչ։
 
― Մի վշտացեք, բարեկամներ, ― ասաց անվհատ Չելենջերը։ ― Չէ՞ որ ես խոստացել եմ երկրորդ օդապարիկը պատրաստել։
 
Սամերլին տնքաց։
 
― Միգուցե ուրի՞շ քարայր ենք մտել, ― ասացի ես։
 
― Թողեք, երիտասարդ։ ― Լորդ Ջոնը մատը տարավ պլանի վրայով։ ― Աջից տասնութերորդ քարայրը, նույն ինքը ձախից երկրորդը։ Ոչ, սխալ չէր կարող լինել։
 
Նայեցի խաչին և հանկարծ ուրախությունից գլուխս կորցրած բղավեցի․
 
― Գտա՛, գտա՛, եկեք իմ ետևից, շուտ։ ― Եվ ջահը բարձր բռնած՝ ետ վազեցի։ ― Ահա այստեղ, ― և ցույց տվի ավազին ընկած վառված լուցկիները, ― ահա այստեղ վառեցինք ջահերը։
 
― Միանգամայն ճիշտ է։
 
― Բայց չէ՞ որ նկարում պարզ ցույց է տրված, որ քարայրը ճյուղավորվում է։ Նշանակում է, մթության մեջ պարզապես բաց ենք թողել այդ տեղը։ Քայլենք աջ կողմից, և համոզված եմ, որ անցքը կգտնենք։
 
Ինչպես ասացի, այնպես էլ դուրս եկավ։ Երեսուն քայլից հետո պատի մեջ սևին տվեց մի մեծ անցք։ Մտանք այդտեղով և դուրս եկանք մի ավելի լայն թունել։ Անհամբերությունը մեզ առաջ էր քշում։ Եվս մի հարյուր քայլ, երկուսը, երեքը․․․ և հանկարծ առջևում երևաց մի կարմրավուն լույս։ Այդ ի՞նչ կարող էր լինել։ Հավասար, անթարթ լույսը փակում էր մեր ճամփան։ Քայլներս արագացրինք։ Այդ կրակից ջերմություն չէր զգացվում։ Ամեն ինչ խաղաղ էր, ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն․․․ Լուսեղեն ծածկոցը չէր չքանում, և նրա արծաթավուն փայլը ողողել էր թունելը՝ սպիտակ ավազը վերածելով շողշողուն ալմաստի։ Ավելի մոտեցանք, և վարագույրի եզրը հստակորեն կլորացավ մեր աչքերի առաջ։
 
― Երդվո՛ւմ եմ, դա լուսինն է, ― գոչեց Ջոնը։ ― Ազա՛տ ենք, բարեկամներ, ազա՜տ։
 
Եվ իսկապես, լեռնապարի մյուս կողմը դուրս եկող անցքից լուսավորում էր լիալուսինը։ Անցքը մեծ չէր, լուսամուտի չափ, բայց այդքանն էլ մեզ հերիք էր։ Դուրս նայելով այնտեղից՝ տեսանք, որ վայրէջքն առանձնապես դժվար չի լինի և գետինն այնքան հեռու չէ։ Սարահարթը շրջանցելիս, իհարկե, մեզ երբեք չէր հաջողվի այդ անցքը նկատել։ Ո՞ւմ մտքով կանցներ վերելքի տեղ փնտրել հատկապես այստեղ, ցած կախված ժայռերի միջև։ Մենք համոզվեցինք, որ հնարավոր կլինի լարով ցած իջնել և երջանիկ վերադարձանք ճամբար՝ մյուս օրվա երեկոյին պատրաստվելու համար։
 
Հարկավոր էր գործել գաղտնի և առանց դանդաղելու, որովհետև վերջին րոպեին իսկ հնդկացիները կարող էին մեզ ետ պահել։ Որոշեցինք թողնել մեր ողջ հանդերձանքը, բացի հրացաններից ու փամթուշտներից։ Ճիշտ է, Չելենջերն ուներ մի քանի խոշոր իրեր, որ ուզում էր ինչ կերպ լինի վերցնել իր հետ, և դրանցից մեկն առանձնապես շատ հոգս պատճառեց մեզ։ Բայց առայժմ այդ մասին ծավալվել չեմ կարող։
 
Օրն անսահման երկար տևեց, բայց ահա, վերջապես, մութն ընկավ։ Ամեն ինչ պատրաստել էինք։ Ամեն տեսակ զգուշություն պահպանելով՝ մեր ունեցվածքը աստիճաններով վերև հանեցինք, կանգ առանք քարայրի մուտքի մոտ և մի վերջին հայացք նետեցինք հանելուկային, մեզ համար ռոմանտիկական մշուշով պատված այդ երկրի վրա, որը վախենամ շուտով հեղեղեն որսորդներն ու ամեն տեսակ հետազոտողները, մի երկիր, որտեղ մենք շատ խիզախեցինք, շատ բան կրեցինք ու շատ բան սովորեցինք՝ մե՛ր երկիրը, ինչպես այսուհետև միշտ սիրով անվանելու ենք այն։
 
Մեր ձախ կողմի հարևան քարայրները խարույկների ուրախ, կարմրավուն հրացոլքեր էին գցում խավարի մեջ։ Ներքևից լսվում էին հնդկացիների ձայները, ծիծաղն ու երգը։ Հեռվում բարձրանում էր թավուտ անտառի պատնեշը, իսկ նրա և քարափի միջև շողշողում էր մեծ լիճը՝ արտասովոր հրեշների կացարանը։ Ահա մթության մեջ հնչեց ինչ֊որ գազանի սուր կանչը։ Դա Մեպլ֊Ուայտի Երկրի կանչն էր, որ մեզ էր ուղարկում իր վերջին «ներիրը»։ Շուռ եկանք ու մտանք քարայր, որտեղով անցնում էր դեպի տուն տանող մեր ուղին։
 
Երկու ժամ հետո մենք մեր ողջ ունեցվածքի հետ լեռնապարի ստորոտում էինք։ Վայրէջքը բարեհաջող անցավ, եթե չհաշվենք Չելենջերի իրերի հետ ունեցած գլխացավանքը։ Ամբողջ բեռը թողնելով տեղում՝ թեթև ճամփա ընկանք դեպի Սամբոյի կայանը։ Որքա՜ն եղավ մեր զարմանքը, երբ վաղ առավոտի լույսով առաջներս բացվեց հարթավայր, որտեղ վառվում էր ոչ թե մեկ, այլ ամենաքիչը տասը խարույկ։ Այնուամենայնիվ փրկարար խումբը եկավ։ Նա բաղկացած էր Ամազոնի քսան հնդկացիներից, որոնք բերել էին ձողեր, ճոպաններ և այն ամենը, ինչ պահանջվում էր անդունդի վրա կամուրջ գցելու համար։ Հիմա որ այլևս ոչ մի դժվարություն չենք կրի բեռները Ամազոնի ափերը տեղափոխելիս, ուր շարժվելու ենք վաղը առավոտյան։
 
Սրանով, ճակատագրից գոհ, վերջացնում եմ իմ պատմությունը։ Մեր աչքերի առաջ այնքա՜ն հրաշքներ բացվեցին, հոգիներս մաքրվեցին՝ կոփվելով ծանր փորձություններում։ Մենք բոլորս, յուրաքանչյուրը յուրովի, ավելի լավ, ավելի լուրջ դարձանք։
 
Հնարավոր է, որ Պարայում ուշանանք, որովհետև հարկավոր է ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հետագա ճանապարհորդության համար։ Այդ դեպքում այս նամակը մի անդրատլանտյան ուղերթով ինձանից շուտ տեղ կհասնի։ Իսկ եթե իսկույն ճամփա ընկնենք, ապա սա մեզ հետ միասին Լոնդոնում կլինի։ Այսպես թե այնպես, թանկագին միստր Մակ֊Արդլ, հուսով եմ շուտով սեղմելու ձեր ձեռքը։
 
 
==Գլուխ XVI «Դեպի փողո՛ց, դեպի փողո՛ց»==
 
 
Ես իմ պարտքն եմ համարում խորին երախտագիտություն հայտնելու Ամազոնի մեր բոլոր բարեկամներին, որոնք այդպիսի սիրալիրությամբ ընդունեցին մեզ և այդքան ուշադիր եղան մեր հանդեպ։ Առանձին շնորհակալության են արժանի սինյոր Պենալոսան և բրազիլական կառավարության մյուս պաշտոնատար անձինք, որոնց օգնությունն ապահովեց մեր վերադարձը տուն, այլև սինյոր Պերեյրան Պարա քաղաքից, որը հեռատոսորեն պատրաստել էր հարդարանքի համար ամեն բան, այնպես որ այժմ մենք չենք ամաչի քաղաքակրթված աշխարհում երևալուց։
 
Դժբախտաբար մենք վատ հատուցեցինք մեր բարեկամներին իրենց հյուրընկալության համար։ Ինչ Արած։ Օգտվում եմ առիթից նրանց բոլորին հավաստիացնելու, որ եթե փորձեն մեր հետքերով գնալ Մեպլ֊Ուայտի Երկիրը, ապա դա կլինի միայն ժամանակի և միջոցների վատնում։ Մեր պատմություններում մենք փոխել ենք բոլոր անունները, և որքան էլ արշավախմբի հաշվետվություններն ուսումնասիրեք, միևնույն է, չի հաջողվի նույնիսկ մոտենալ այդ վայրերին։
 
Կարծում էինք Հարավային Ամերիկայում մեր նկատմամբ եղած բարձր հետաքրքրությունը շատ տեղական բնույթ ունի, բայց ով կարող էր ենթադրել, թե ինչ սենսացիա կառաջացնեն Եվրոպայում մեր արկածների մասին առաջին մշուշապատ լուրերը։ Բանից պարզվում է, որ մեզանով հետաքրքրվել է ոչ միայն այն գիտական աշխարհը, այլև լայն հասարակությունը, չնայած մենք այդ մասին համեմատաբար ուշ իմացանք։
 
Երբ «Իբեռնիա» շոգենավն արդեն հիսուն մղոնի վրա էր Սաուտհեմպտոնից, սկսեցինք զանազան թերթերից ու գործակալություններից հեռագիր հեռագրի ետևից ստանալ, որոնք վիթխարի հոնորարներ էին խոստանում մեզ՝ արշավախմբի արդյունքների մասին թեկուզ ամենակարճ հաղորդման համար։ Սակայն պարտքի զգացումը հակադրում էր ամենից առաջ հաշիվ տալ Կենդանաբանական ինստիտուտին, որը հանձնարարել էր այդ հետազոտությունը կատարել։ Խորհրդակցելով իրար հետ՝ մենք հրաժարվեցինք որևէ տեղեկություն հաղորդել մամուլին։ Սաունտհեմպտոնը վխտում էր ռեպորտյորներով, բայն նրանք մեզանից ոչինչ չստացան։ Ուստի հեշտ է պատկերացնել, թե հասարակությունն ինչպիսի հետաքրքրությամբ էր սպասում ժողովին, որը նշանակված էր նոյեմբերի յոթի երեկոյան։
 
Կենդանաբանական ինստիտուտի դահլիճը, այն նույն դահլիճը, որտեղ ստեղծեցին հետազոտող հանձնաժողով, ճանաչվեց ոչ այնքան տարողունակ, այնպես որ ստիպված եղան ժողովը տեղափոխել Ռիջենտ֊ստրիտի վրա, Կուինգ֊հոլլ։ Այժմ արդեն ոչ ոք չէր կասկածում, որ եթե կազմակերպիչները վերցնեին Ալբերտ֊հոլլը, ապա նա ևս չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին։
 
Նշանավոր ժողովը նշանակվեց մեր Լոնդոն վերադառնալու երկրորդ երեկոյան։ Ենթադրվում էր, որ առաջին օրն զբաղված կլինենք գործերով։ Իմ մասին առայժմ լռում եմ։ Կանցնի ժամանակ, և թերևս հեշտ կլինի մտածել ու նույնիսկ խոսել այդ բոլորի մասին։ Պատմությանս սկզբում ես ընթեցողին հայտնեցի, թե ինչ ուժեր գործողության դրեցին ինձ։ Այժմ, թերևս, անհրաժեշտ է ցույց տալ, թե այդ ամենն ինչով վերջացավ։ Բայց չէ՞ որ վերջապես կգա մի օր, երբ ես ինքս կասեմ, որ հարկ չկա ափսոսալու։ Ինչ֊որ ուժ ինձ մղեց դեպի այդ ուղին, և ես պարտական եմ իսկական արկածների արժեքը ճանաչելու համար։
 
Իսկ այժմ անցնում եմ մեր հերոսապատումը եզրափակող վերջին իրադարձությանը։ Երբ գլուխ էի կոտրում, թե ինչպես ավելի լավ նկարագրեմ այն, աչքիս ընկավ «Դեյլի֊գազետի» նոյեմբերի ութի համարը, որտեղ մանրամասն հաշվետվություն էր զետեղված Կենդանաբանական ինստիտուտի ժողովի մասին, գրված իմ բարեկամ ու կոլեգա Մակդոնայի կողմից։ Բերում եմ այն ամբողջությամբ, սկսած վերնագրերից․ չէ՞ որ միևնույն է, ավելի լավ անհնար է մտածել։ Իհարկե, մեր «Դեյլին», հպարտ նրնաով, որ արշավախմբին մասնակցել է նրա սեփական թղթակիցը, առանձնապես շատ տեղ էր հատկացրել Կենդանաբանական ինստիտուտի դեպքերին, բայց մյուս թերթերը ևս անուշադիր չէին թողել դրանք։
 
«Նոր աշխարհ» ― Բազմամարդ ժողով Կուինգ֊հոլլում։ Բուռն տեսարաններ դահլիճում։ Արտասովոր դեպք։ Ի՞նչ էր այդ։ Գիշերային ցույց Ռիջենտ֊ստրիտում։ (Մեր սեփական թղթակից)։
 
Կենդանաբանական ինստիտուտի վաղուց սպասված ժողովը, որտեղ լսվեց մի տարի առաջ Հարավային Ամերիկա ուղարկված հանձնաժողովի հաշվետվությունը, որը պետք է ստուգեր պրոֆեսոր Չելենջերի հայտնած տեղեկությունները՝ այդ մայրցամաքում առկա մինչպատմական կյանքի ձևերի մասին, կայացավ երեկ Կուինգ֊հոլլում, և մենք համարձակորեն կարող ենք ասել, որ այդ օրը կմտնի գիտության պատմության մեջ, որովհետև նրա իրադարձությունները այնքան արտասովոր ու սենսացիոն բնույթ ունեն, որ հազիվ թե երբևէ ջնջվեն ներկաների հիշողությունից։(Իմ գրչակից եղբայր Մակդոնա, ի՜նչ հրեշավոր կերպով երկար ներածական ֆրազ։)
 
Պաշտոնական հրավիրատոմսերը բաշխվել էին միայն ինստիտուտի անդամներին և նրանց մոտիկ անձերին, բայց, ինչպես հայտնի է, վերջին հասկացողությունը բավական առաձգական է, ուստի Կուինգ֊հոլլի մեր դահլիճը բերնեբերան լիքն էր ժողովի սկսվելուց շատ առաջ, որը նշանակված էր ժամը ութին։ Սակայն լայն հասարակությունը, առանց որևէ հիմքի իրեն վիրավորված համարելով, ոստիկանության հետ երկարատև ծեծկռտուքից հետո գրոհով վերցրեց դահլիճի դռները, որի ժամանակ տուժեցին մի քանի մարդ, այդ թվում տեսուչ Սկոբլը, որը ոտքի ջարդվածք ստացավ։ Ներառյալ նաև սույն խռովարարներին, որոնք գրավել էին ոչ միայն ազատ միջանցքները, այլև մամուլի ներկայացուցիչներին հատկացված տեղերը, ճանապարհորդների գալուն էին սպասում մոտավոր հաշվով հինգ հազար հոգուց ոչ պակաս մարդ։ Երբ նրանք, վերջապես, երևացին, նրանց առաջնորդեցին բեմ, ուր մինչ այդ հավաքվել էին ոչ միայն Անգլայի, այլև Ֆրանսիայի ու Գերմանիայի խոշորագույն գիտնականները։ Շվեդիան նույնպես ներկայացված էր հանձին նշանավոր կենդանաբան, Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր պարոն Սերգիուսի։ Օրվա չորս հերոսների երևալը դիմավորվեց օվացիայով, ամբողջ դահլիճը մեկ մարդու պես ոտքի կանգննեց և բացականչություններով ու ծափերով ողջունեց նրանց։ Սակայն ուշադիր դիտողն այդ հիացմունքի փոթորկում կարող էր ինչ֊որ աններդաշնակության նոտաներ որսալ և այստեղից եզրակացնել, որ ժողովն այնքան էլ խաղաղ չի ընթանալու։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ իրականում, ներկաներից ոչ ոք չէր կարող նախագուշակել։
 
Ոչ մի կարիք չկա այստեղ նկարագրել մեր չորս ճանապարհորդների արտաքինը, քանի որ նրանց լուսանկարները զետեղված են բոլոր թերթերում։ Ծանր փորձությունները, որ, ինչպես ասում են, կրել են նրանք, քիչ են ազդել արշավախմբի մասնակիցների վրա, չնայած նրանք մեր ափերից հեռանալիս այդքան սևացած չէին։ Պրոֆեսոր Չելենջերի մորուքը թերևս ավելի է փարթամացել, պրոֆեսոր Սամերլիի դիմագծերը մի փոքր ավելի չորացել, լորդ Ջոն Ռոքստոնը հազիվ նկատելի նիհարել է, բայց ընդհանրապես նրանց առողջությունը չէր կարող ավելի լավ լինել։ Իսկ ինչ վերաբերում է մեր թերթի ներկայացուցիչ, նշանավոր սպորտսմեն և միջազգային կարգի ռեգբի խաղացող Է․ Դ․ Մելոունին, սպս նա շատ լավ է, և նրա ազնիվ, բայց գեղեցկությամբ չփայլող դեմքը մի գլուխ շողում է բարեհոգի ժպիտից։ (Լա՜վ, Մակ, ձեռքս կընկնե՜ս):
 
Երբ լռությունը վերականգնվեց, և բոլորը նստեցին իրենց տեղերում, նախագահող հերցոգ Դարհեմսկին ճառով դիմեց ժողովին։ Հերցոգն իսկույն հայտարարեց, թե քանի որ ունկնդիրները հանդիպելու են ճանապարհորդներին, նա մտադիր չէ երկար զբաղեցնել նրանց ուշադրությունը և կռահել հետաքննության հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Սամերլիի զեկուցումը, հանձնաժողով, որի ջանքերը, դատելով եղած տեղեկություններից, պսակվել են փայլուն հաջողությամբ։ (Ծափահարություններ։) Ըստ երևույթին ռոմանտիկայի դարը չի անցել և բանաստեղծի վառ երևակայությունը դեռևս կարող ք հենվել գիտության ամուր պատվանդանի վրա։ Վերջում, ― ավելացրեց հերցոգը, ― ինձ մնում է միայն հայտնել իմ ուրախությունը, և այստեղ, անկասկած, բոլոր ներկա գտնվողները կպաշտպանեն ինձ, որ ջենտլմենները ողջ և առողջ են վերադարձել իրենց դժվարին ու վտանգավոր ճանապարհորդությունից, քանզի այդ արշավախմբի կործանմամբ գիտությունը համարյա անփոխարինելի կորուստ կունենար։ (Աղմկալի ծափահարություններ, որոնց միանում է նաև պրոֆեսոր Չելենջերը։)
 
Պրոֆեսոր Սամերլիի երևալն ամբիոնում նորից հիացմունքի փոթորիկ առաջացրեց։ Նրա ճառը շարունակ ընդհատվում էր ծափահարություններով։ Մենք բառացի չենք բերի այն, քանի որ արշավախմբի մանրամսն հաշվետվությունը, որը պատկանում է մեր թղթակցի գրչին, «Դեյլի֊գազետը» լույս է ընծայելու հատուկ բրոշյուրով։ Ուստի կբավարարվենք միայն պրոֆեսոր Սամերլիի զեկուցման համառոտակի շարադրմամբ։
 
Հիշեցնելով ժողովին, թե ինչպես առաջացավ արշավախումբ ուղարկելու միտքը, հռետորը պատշաճը մատուցեց պրոֆեսոր Չելենջերին և ներողություն խնդրեց նրանից՝ անցյալում նրա խոսքերին չհավատալու համար, որոնք այժմ լիովին հաստատվեցին, որից հետո ընդհանուր գծերով շարադրեց ճանապարհորդության երթուղին, խնամքով խուսափելով որևէ նշումից, որը կարող էր ծառայել իբրև տեղեկանք սարահարթի աշխարհագրական դիրքի մասին։ Այնուհետև պրոֆեսոր Սամերլին մի քանի խոսքով նկարագրեց Ամազոնի ափերից անցումը դեպի լեռնապարը և ունկնդիրներին ցնցեց արշավախմբի՝ սարահարթ բարձրանալու բազմաթիվ փորձերի պատմությամբ, որը վերջ ի վերջո հաջողվեց երկու նվիրված մետիս֊ուղեցույցների կյանքի գնով։ (Դեպքերի այդ անակնկալ մեկնաբանությամբ մենք պարտական էինք Սամերլիին, որն ուզում էր խուսափել որոշ փափկանկատ հարցերից։)
 
Ունկնդիրների հետ միասին բարձրանալով սարահարթ և ստիպելով նրանց զգալ, թե չորս ճանապարհորդների համար ինչ է նշանակում կամուրջի փլվելը, միակ կապը արտաքին աշխարհի հետ, պրոֆեսորն անցավ այդ արտասովոր երկրի սարսափների և հրաշալիքների նկարագրությանը։ Իր արկածների մասին նա քիչ խոսեց, բայց աշխատեց ամեն կերպ ընդգծել, թե զննելով սարահարթի կենդանական և բուսական աշխարհը, արշավախումբն ինչպիսի հարուստ ներդրում էր կատարել գիտության մեջ։ Միջատների աշխարհն այնտեղ առանձնապես հարուստ է կարծրաթևերով ու թեփուկաթևերով։ Մի քանի շաբաթվա ընթացքում արշավախմբին հաջողվեց որոշել առաջին ընտանիքի քառասունվեց տեսակ և երկրորդ ընտանիքի իննսունչորս տեսակ միջատներ։ Բայց, ինչպես և պետք էր սպասել, հասարակությունը գլխավորապես հետաքրքրվում էր խոշոր կենդանիներով, առանձնապես նրանցով, որոնք վաղուց մեռած են համարվում։ Պրոֆեսորը մինչպատմական այդպիսի հրեշների մի երկար ցուցակ թվեց՝ հավատացնելով ունկնդիրներին, որ այդ ցուցակն զգալիորեն կարող է լրացվել սարահարթի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Նրան ու նրա ուղեկիցներին հաջողվեց սեփական աչքերով տեսնել, ճիշտ է, մեծ մասամբ հեռվից, ամենաքիչը մի տասնյակ կենդանիներ, որոնք առ այսօր անհայտ են գիտությանը։ Ժամանակին նրանք, անշուշտ, ինչպես հարկն է կուսումնասիրվեն և կդասակարգվեն։ Իբրև օրինակ պրոֆեսորը բերեց հիսունմեկ ոտնաչափ երկարությամբ մուգ ծիրանագույն օձին, ինչ֊որ սպիտակ արարածի՝ ամենայն հավանականությամբ կաթնասուն, որը մթության մեջ ֆոսֆորային փայլ էր արձակում, և հսկայական սև թիթեռին, որի խայթոցները հնդկացիների ասելով թունավոր են։
 
Բացի կենդանի արարածների բոլորովին նոր տեսակներից, սարահարթը հարուստ է գիտությանը հայտնի մինչպատմական կենդանիներով, որոնցից մի քանիսին պետք է վերագրել վաղ յուրային շրջանին։ Այստեղ նա տվեց հսկա ստեգոզավրի անունը, որին մի անգամ միստր Մելոունը տեսել էր ջուր խմելիս։ Ճիշտ նույնպիսի գազան նկարված էր ամերիկացի նկարչի ալբոմում, որը թափանցել էր այդ անհայտ աշխարհը դեռևս արշավախմբից առաջ։ Պրոֆեսոր Սամերլին նկարագրեց նաև իգաուանադոնին ու պտերոդակտիլին՝ սարահարթում նրանց հանդիպած առաջին հրեշներին, և ունկնդիրներին ցնցեց՝ պատմելով աշխարհում ապրող ամենազարհուրելի գիշատիչների՝ դինոզավրերի մասին, որոնք շատ անգամ հետապնդել են արշավախմբի մերթ մեկ, մերթ մյուս անդամին։ Այնուհետև պրոֆեսորը մանրամասն խոսեց հսկա, դաժան թռչուն ֆորորակոսի և վիթխարի իշայծամների մասին, որոնք դեռևս հանդիպում են մեր երկրի սարահարթում։
 
Բայց ունկնդիրների հիացմունքը ծայրահեղ չափերի հասավ, երբ պրոֆեսորը հայտնեց նրանց կենտրոնական լճի գաղտնիքների մասին։ Լսելով այդ զգաստ գիտնականի հանդարտ խոսքը, ուզում էիր կսմթել ինքդ քեզ, համոզվելու համար, որ դա երազ չէ, որ դու արթուն վիճակում լսում ես եռաչք ձկնանման սողունների և ջրային վիթխարի օձերի մասին, որոնք ապրում են այլ հանելուկային խորություններում։
 
Այնուհետև նա անցավ բնիկների և մարդանման կապիկների նկարագրությանը, որոնք, ըստ երևույթին, հավանական պիտեկանտրոպի էվոլյուցիայի արդյունք են և, հետևաբար, ավելի քան կենդանական աշխարհի մի տեսակ, մոտենում են այն ենթադրական արարածին, որը գիտությանը հայտնի է իբրև «կապկի և մարդու միջև ընկած պակասոց օղակ»։
 
Վերջապես, պրոֆեսորն ուրախացրեց ունկնդիրներին՝ նկարագրելով մի սրամիտ, սակայն խիստ վտանգավոր օդագնացության ապարատ՝ պրոֆեսոր Չելենջերի գյուտը, և իր խիստ հետաքրքրական զեկուցման վերջում պատմեց, թե ինչ կերպ արշավախմբին հաջողվեց վերադառնալ քաղաքակիրթ աշխարհ։
 
Ենթադրվում էր, որ հենց դրանով էլ ժողովը կվերջանա և պրոֆեսոր Սերգիուսի առաջարկած բանաձևը հանձնաժողովի անդամներին շնորհակալություն հայտնելու առթիվ՝ պատշաճ ձևով կդրվի քվեարկության ու կընդունվի։ Սակայն ամեն բան սպասվածի պես հարթ չանցավ։ Ժողովի հենց սկսզբից հասարակության թշնամաբար տրամադրված մասը մի գլուխ իրեն զգացնել էր տալիս, իսկ երբ պրոֆեսոր Սամերլին իր զեկուցումը վերջացրեց, տեղից բարձրացավ Էդինբուրգի դոկտոր Ջեյմս Իլլինգվորտը և դիմեց նախագահին հետևյալ հարցով․
 
― Արդյոք մինչև բանաձևի քվեարկումը չպե՞տք է քննարկման դնել նրա մասին առաջարկվող ուղղումը։
 
Նախագահ։ ― Այո, սըր, եթե այդպիսին կա։
 
Դոկտոր Իլլինգվորտ։ ― Ձեռդ պայծառափայլություն, ես ուղղում ունեմ։
 
Նախագահ։ ― Այդ դեպքում հրապարակեցեք այն։
 
Պրոֆեսոր Սամերլի (վեր թռչելով տեղից)։ ― Ձեռդ պայծառափայլություն, թույլ տվեք հայտնել բոլորին ի գիտություն, որ այդ մարդը իմ անձնական թշնամին է դեռևս այն ժամանակվանից, երբ մենք բանավիճում էինք «Գիտական տեսություն» ամսագրի էջերում։
 
Նախագահ։ ― Անձնական կարգի հարցերը մեզ չեն վերաբերում։ Շարունակեցեք, դոկտոր Իլլինգվորտ։
 
Մեր ճանապարհորդների բարեկամներն այնպիսի աղմուկ բարձրացրին, որ ժամանակ առ ժամանակ դոկտոր Իլլինգվորտի ձայնը համարյա չէր լսվում։ Ոմանք փորձեցին նույնիսկ ցած քաշել նրան ամբիոնից։ Բայց ունենալով արտասովոր ուժ և հզոր ձայն՝ դոկտոր Իլլինգվորտը հաղթահարեց բոլոր խոչընդոտները և իր ճառը հասցրեց մինչև վերջ։ Այն րոպեից, ինչ նա տեղից բարձրացավ, բոլորի համար պարզվեց, որ նա դահլիճում շատ կողմնակիցներ ունի, որոնք ճիշտ է, փոքրամասնություն էին կազմում։ Զգալի մասը տրամադրված էր սպասողաբար և առայժմ չեզոքություն էր պահպանում։
 
Սկզբում դոկտոր Իլլինգվորտը պրոֆեսոր Չելենջերին և պրոֆեսոր Սամերլիին հավաստիացրեց նրանց գիտական գործունեության հանդեպ տածած իր խորին հարգանքի մասին, բայց այնուհետև ցավով հիշեց, որ չգիտես ինչու բանաձևի առթիվ իր ուղղումը բացատրում են ինչ֊որ անձնական շարժառիթով, մինչդեռ իրականում իրեն ղեկավարում է բացառապես ճշմարտության ձգտումը։ Ըստ էության նա այժմ գրավում է նույն դիրքը, ինչ֊որ անցյալ ժողովում պրոֆեսոր Սամերլին։ Այն ժամանակ պրոֆեսոր Չելենջերն առաջ քաշեց մի շարք թեզեր, որոնք կասկածի տակ առնվեցին իր կոլեգայի կողմից։ Այժմ նույն այդ կոլեգան հանդես է գալիս ճիշտ նույնպիսի պնդումներով և հույս է հայտնում, որ ոչ ոք դրանց դեմ չի առարկի։ Մի՞թե սա տրամաբանական է։ (Բացականչություններ․ «Այո, «Ոչ»։ Մամուլի ներկայացուցիչների համար առանձնացված օթյակում լսվում էր, թե ինչպես է պրոֆեսոր Չելենջերը նախագահից թույլտվություն խնդրում դոկտոր Իլլինգվորտին դահլիճից դուրս նետելու։) Մեկ տարի առաջ մի մարդ հույժ տարօրինակ բաներ էր պնդում։ Այժմ նույնը, և թերևս է՛լ ավելի մեծ չափերով, անում են չորս մարդ։ Բայց մի՞թե դա կարող է ծառայել իբրև վճռական գործոն այնտեղ, ուր խոսքը վերաբերում է գիտության մեջ համարյա հեղաշրջում կատարելուն։
 
Բոլորը հիշում են այն դեպքը, երբ մի խումբ ճանապարհորդներ վերադարձան հեռավոր, անհայտ երկրներից՝ տարածելով ամեն կարգի հեքիաթներ, որոնց մարդիկ մեծ հաճույքով հավատացին։ Մի՞թե Լոնդոնի Կենդանաբանական ինստիտուտը ևս ուզում է դյուրահավատի վիճակում լինել։ Հետաքննության հանձնաժողովի անդամները հույժ արժանավոր մարդիկ են, դա ոչ ոք չի կարող ժխտել։ Բայց մարդկային բնավորությունը չափազանց բարդ է։ Առաջ գնալու ցանկությունը կարող է ճամփից շեղել ամեն մի իսկական պրոֆեսորի։ Մենք բոլորս էլ թիթեռնիկների պես թռչում ենք դեպի փառքի կրակը։ Խոշոր որսի որսորդները դեմ չեն ճշմարտության դեմ մեղանչելուն, միայն թե իրենց ախոյաններին խոցեն, իսկ ժուռնալիստները այնքան սիրահար են ամեն կարգի սենսացիաների, որ յուրաքանչյուր քայլափոխում փաստորեն օգնության են կոչում իրենց հարուստ երևակայությունը։ Հանձնաժողովի ամեն մի անդամ կարող էր ունենալ իր մոտիվները, որոնցով առաջնորդվելով, նրանք ուռցրել են էքսպեդիցիայի արդյունքները։ («Խայտռակությո՜ւն․․․ Ամաչեցե՜ք»): Նա չէր կամենում ոչ ոքի վիրավորել։ (Սակայն վիրավորո՛ւմ եք»։ Դահլիճում աղմուկ։)․․․ Բայց բոլոր այդ հրաշքների հաստատման համար ներկայացված ապացույցները կրում են չափազանց անլուրջ բնույթ։ Ինչի՞ն են հանգում դրանք։ Մի քանի լուսանկարների։ Բայց մեր օրերում կեղծարարության արվեստն այնպիսի բարձր աստիճանի է հասել, որ չի կարելի միայն լուսանկարների վրա հույս դնել։ Ուրիշ ինչո՞վ են ուզում համոզել մեզ։ Շտապ փախուստի և լարով իջնելու պատմությամբ, որն իբրև թե արշավախմբի անդամներին խանգարել է հետներն այդ հրաշալի երկրի ֆաունայի ավելի խոշոր օրինակներ վերցնելու։ Սրամիտ է, բայց ոչ այնքան էլ համոզիչ։ Այստեղ ասվեց, թե լորդ Ջոն Ռոքստոնը ֆորորակոսի գանգ ունի իր մոտ։ Բայց ո՞ւր է։ Հետաքրքրիր կլիներ տեսնել այն։
 
Լորդ Ջոն Ռոքստոն։ ― Կարծես թե այդ մարդն ինձ մեղադրում է ստախոսության մե՞ջ։ (Դահլիճում աղմուկ։)
 
Նախագահ։ ― Լռությո՛ւն, լռությո՛ւն։ Դոկտոր Իլլինգվորտ, բարի եղեք ձևակերպելու ձեր ուղղումը։
 
Դոկտոր Իլլինգվորտ։ ― Ենթարկվում եմ, չնայած կուզենայի որոշ բաներ ևս ասել։ Եվ այսպես, իմ առաջարկությունը հանգում է հետևյալին․ շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Սամերլիին հետաքրքիր զեկուցման համար, սակայն նրա բերած փաստերը համարել չապացուցված, դրանց ստուգումը հանձնարարել մի այլ, մեր վստահությանն ավելի արժանի հանձնաժողովի։
 
Դժվար է նկարագրել, թե այդ ճառն ինչպիսի իրարանցում առաջացրեց դահլիճում։ Ներկաների մեծ մասը վրդովված էր մեծ ճանապարհորդների հասցեին արված այդպիսի զրպարտությունից, պահանջում էր․ «Կորչի՛ ուղղումը», «Մի՛ քվեարկեք այն», «Դո՛ւրս արեք նրան այստեղից»։ Միաժամանակ դժգոհները պաշտպանում էին դոկտոր Իլլինգվորտին և խլացուցիչ ձայներով բղավում․ «Այդ անազնվությո՜ւն է», «Նախագա՛հ, կարգի՛ հրավիրեք»։ Հետևի աթոռներին, ուր ուսանողներ էին նստած, կռիվ սկսվեց, գործի դրվեցին բռունցքները։ Միայն կանանց ներկայությունը կանխեց ընդհանուր տուրուդմփոցը։ Եվ հանկարծ, ճիչերը դադարեցին, դահլիճում լիակատար լռություն տիրեց։ Բեմում կանգնած էր պրոֆեսոր Չելենջերը։ Այդ մարդու արտաքինն ու ձևերը այնքան ազդեցիկ տպավորություն են թողնում, որ բավական է նա ձեռքը բարձրացնի, որպեսզի բոլորը նստեն իրենց տեղերը և պատրաստվեն լսելու։
 
― Այստեղ գտնվողներից շատերը հավանորեն հիշում են, ― սկսեց պրոֆեսոր Չելենջերը, որ նման անվայել տեսարան ներկայացվեց նաև մեր առաջին ժողովում։ Այն ժամանակ ինձ վիրավորողը պրոֆեսոր Սամերլին էր, և չնայած այժմ նա ուղղվել է ու մեղքերը խոստովանել, այնուամենայնիվ այդ միջադեպը չի կարող մոռացության տրվել։ Այսօր ես ստիպված էի է՛լ ավելի վիրավորական հարձակումներ լսել մի անձի կողմից, որը քիչ առաջ հեռացավ բեմից։ Ես մեծագույն ջանքեր եմ գործադրում ստիպելու ինձ՝ իջնել մինչև տվյալ անձի ինտելեկտուալ մակարդակը, բայց այդ անհրաժեշտ է ցրելու համար այն կասկածները, որ թերևս դեռ պահպանվում են ներկա գտնվողներից ոմանց մոտ։ (Ծիծաղ, աղմուկ, բացականչություններ հետևի շարքերից։)
 
Պրոֆեսոր Սամերլին հանդես եկավ այստեղ իբրև հետաքննության հանձնաժողովի նախագահ, բայց հազիվ թե հարկ կա հիշեցնելու, որ ամբողջ գործի իսկական ոգեշնչողը հանդիսանում եմ ես և որ մեր ճանապարհորդությունը հաջողությամբ պսակվեց գլխավորապես իմ շնորհիվ։ Այս երեք ջենտլմեններին ես հասցրի անհրաժեշտ վայրը և, ինչպես լսեցիք, համոզեցի նրանց, որ իմ պնդումներն իրավացի էին։ Մենք չէինք կարծում, որ մեր համատեղ հետևությունները ևս կվիճարկվեն նույնպիսի տգիտությամբ ու համառությամբ։ Բայց, խրատված դառը փորձից, այս անգամ ես զինվեցի որոշ ապացույցներով, որոնք կարող են համոզել յուրաքանչյուր ողջամիտ մարդու։ Պրոֆեսոր Սամերլին արդեն ասաց, որ մեր լուսանկարչական կամերաներն ընկան մարդակապիկների ձեռքը, որոնք մեր ողջ ճամբարն ավերեցին, և որ նեգատիվների մեծ մասը ոչնչացավ։ (Աղմուկ, ծիծաղ, հետևի աթոռից մեկը բղավում է․ «Պատմեցեք ձեր տատի՛ն»։) Ի դեպ, մարդակապիկների մասին։ Չեմ կարող չնշել, որ այժմ իմ լսողությանը հասնող ձայները վառ կերպով հիշեցնում են մեր հանդիպումները այդ հետաքրքրական արարածների հետ։ (Ծիծաղ։)
 
Չնայած շատ արժեքավոր նեգատիվներ ոչնչացվեցին, այնուամենայնիվ որոշ քանակությամբ լուսանկարներ մնացին մեզ մոտ, որոնցով լիովին կարելի է դատել կյանքի պայմանների մասին սարահարթում։ Ներկա գտնվողներից որևէ մեկը կասկածներ ունի՞ դրանց իսկական լինելում։ (Ինչ որ մեկի ձայնը․ «Այո, ունենք»։ Ընդհանուր հուզում, որը վերջանում է դահլիճից մի քանի մարդու դուրս բերելով։)
 
Նեգատիվները առաջարկաված են փորձագետների ուշադրության։ Հանձնաժողովը ուրիշ ի՞նչ ապացույցներ կարող էր ներկայացնել։ Նա ստիպված էր փախչել սարահարթից, ուստի չէր կարող որևէ բանով ծանրաբեռնել իրեն։ Սակայն պրոֆեսոր Սամերլիին հաջողվեց փրկել թիթեռների ու բզեզների իր հավաքածուն, որտեղ շատ նոր տարատեսակներ կան։ Մի՞թե դա բավական չէ։ (Մի քանի ձայներ․ «Ո՛չ, ո՛չ»։) Ո՞վ ասաց «ոչ»։
 
Դոկտոր Իլլինգվորտ (բարձրանալով տեղից)։ ― Մենք գտնում ենք, որ հավաքածուն կարելի էր կազմել որտեղ ասես, և ոչ թե անպայման ձեր մինչպատմական սարահարթում։ (Ծափեր)։
 
Պրոֆեսոր Չելենջեր։ ― Անկասկած, սըր, ձեզ նման խոշոր գիտնականի խոսքը մեզ համար օրենք է։ Սակայն թողնենք լուսանկարներն ու միջատաբանական հավաքածուն և անցնենք այն հարցերին որոնք երբեք ու ոչ մեկի կողմից չեն լուսաբանվել։ Մենք, օրինակ, միանգամայն ճշգրիտ տեղեկություններ ունենք պտերոդակտիլների մասին։ Այդ կենդանիների ապրելակերպը․․․ (Բացականչություններ․ «Դատարկ բա՛ն»։ Դահլիճում աղմուկ։) Ասում եմ այդ կենդանիների ապրելակերպը հիմա ձեզ համար բոլորովին պարզ կդառնա։ Իմ պորտֆելում մի նկար կա, որն արված է բնորդից, որի հիման վրա․․․
 
Դոկոտոր Իլլինգվորտ։ ― Նկարները մեզ ոչ մի բանում չեն համոզի։
 
Պրոֆեսոր Չելենջեր։ ― Դուք կուզենայիք տեսնել բուն կենդանո՞ւն։
 
Դոկտոր Իլլինգվորտ։ ― Անշուշտ։
 
Պրոֆեսոր Չելենջեր։ ― Եվ այն ժամանակ կհավատայի՞ք ինձ։
 
Դոկոտոր Իլլինգվորտ (ծիծաղելով): ― Այն ժամանա՞կ։ Դե, ի՜նչ խոսք։
 
Եվ այստեղ մենք մոտեցանք երեկոյի ամենահուզիչ և դրամատիկ էպիզոդին, որի էֆեկտը կմնա անգերազանցելի։ Պրոֆեսոր Չելենջերը բարձրացրեց ձեռքը, մեր կոլեգա միստր Է․ Գ․ Մելոունը իսկույն վեր կացավ տեղից և գնաց դեպի բեմի խորքը։ Մի րոպե հետո նա նորից հայտնվեց վիթխարահասակ մի նեգրի ուղեկցությամբ․ նրանք միասին բերում էին մի մեծ, քառակուսի արկղ, ըստ երևույթին խիստ ծանր։ Արկղը դրվեց պրոֆեսորի ոտքերի մոտ։ Հասարակությունը քարացավ՝ լարված հետևելով, թե ինչ է տեղի ունենում։ Պրոֆեսոր Չելենջերը հանեց արկղի շարժական կափարիչը, նայեց ներս և, մի քանի անգամ մատները ճթթացնելով ասաց գորովագին ձայնով (Ժուռնալիստական օթյակում նրա խոսքերը հիանալի էին լսվում)․ «Դե, դո՛ւրս արի, պստլիկ, դո՛ւրս արի»։ Լսվեց ինչ֊որ աղմուկ, ճանկռտոց, որից հետո անօրինակ, զարհուրելի ու նողկալի մի արարած դուրս եկավ արկղից ու նստեց նրա եզրին։ Անգամ հերցոգ Դարհեմսկու անսպասելի անկումը նվագախմբի մեջ սարսափահար հասարակության ուշադրությունը չշեղեց։ Այդ հրեշի մանրիկ, ածուխի պես վառվող աչքերը և գիշատիչ գլուխն ակամա ստիպեցին հիշել զարհուրելի քիմերներին, որոնք կարող էին ծնվել միայն միջնադարյան նկարիչների երևակայության մեջ։ Նրա կիսաբաց, երկար կտուցի վրա երկշարք շարված էին սուր ատամները։ Վեր ցցված ուսերը ծածկվել էին գորշ շալի ծալքերում։ Մի խոսքով, դա այն սատանան էր, որով մանկությանը վախեցնում էին մեզ։
 
Հասարակությունն ընկավ իրարանցման մեջ։ Ինչ֊որ մեկը ճչաց, առջևի շարքերում երկու կին ուշաթափվեցին։ Բեմում նստած գիտնականները ակնհայտ ձգտում էին ցույց տալիս նախագահի օրինակով նվագախմբի մեջ գլորվելու։ Թվում էր՝ մի վայրկյան ևս, և ընդհանուր խուճապը կհամակի ամբողջ դահլիճը։
 
Պրոֆեսոր Չելենջերը ձեռքը բարձրացրեց գլխից վեր՝ ջանալով հանգստացնել հասարակությանը, բայց այդ շարժումը վախեցրեց իր մոտ նստած հրեշին։ Նա ուղղեց գորշ շալը, որը ոչ այլ ինչ էր, բայց եթե մի զույգ թաղանթաթև։ Պրոֆեսորը բռնեց նրա ոտքերից, բայց պահել չկարողացավ։ Հրեշը վեր թռավ արկղի վրայից և սկսեց դանդաղ պտույտներ գործել դահլիճում՝ չոր խշշոցով թափահարելով տասը ոտնաչափանոց թևերը և ահավոր մի գարշահոտություն տարածելով շուրջը։ Այդ վառվող աչքերի ու նողկալի կտուցի մոտիկությունից մահու չափ վախեցած հասարակության ճիչերը լիակատար շփոթության մատնեցին հրեշին։ Նա սկսեց ավելի ու ավելի արագ դեսուդեն զարկվել դահլիճում, դեմ առնելով պատերին ու ջահերին, և, ինչպես երևում է, ահից բոլորովին խելագարվեց։ «Պատուհա՛նը, ի սեր աստծո, փակե՛ք պատուհանը», ― բղավեց պրոֆեսորը՝ վեր֊վեր թռչելով տեղում և ձեռքերը կոտրատելով։ Ավա՜ղ, նա շատ ուշ գլխի ընկավ։ Հրեշը, որ զարկվում էր պատեպատ, ինչպես հսկայական թիթեռը լամպի ապակուն, հավասարվեց պատուհանին, իր այլանդակ մարմնով խցկվեց նրա մեջ․․․ ու թե դրել ես, արի տար։ Պրոֆեսորը ձեռքով երեսը ծածկեց ու ընկավ բազկաթոռի մեջ, իսկ դահլիճը մեկ մարդու պես թեթևացած հառաչեց՝ համոզվելով, որ վտանգն անցած է։
 
Եվ այստեղ․․․ Բայց մի՞թե կարելի է նկարագրել, թե դահլիճում ինչ էր կատարվում, երբ Չելենջերի կողմնակիցների հիացմունքը և քիչ առաջվա հակառակորդների շփոթությունը ձուլվեցին ի մի, և ցնծության հզոր ալիքը ետևի շարքերից գլորվեց դեպի նվագախումբը, հարվածեց բեմին ու մեր հերոսներին բարձրացրեց իր կատարը։ (Կեցցե՛ս, Մակ։) Եթե մինչև այդ լսարանը անարդարացի էր գտնվել չորս խիզախ ճանապարհորդների նկատմամբ, ապա այժմ նա աշխատում էր իր մեղքը քավել։ Բոլորը վեր թռան տեղներից, շարժվեցին դեպի բեմ՝ գոռալով, թևերը թափահարելով։ Խիտ օղակով շրջապատեցին հերոսներին։ «Վե՛ր թռցնել նրանց, վե՛ր թռցնել», ― լսվեցին հարյուրավոր ձայներ։ Եվ ահա չորս ճանապարհորդները վերև թռան։ Ազատվելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Ասենք, որքան էլ նրանք ցանկանային ցած իջնել, չէին կարող, որովհետև մարդիկ միակտուր պատնեշի նման կանգնել էին բեմում։
 
«Դեպի փողո՛ց, դեպի փողո՛ց» ― ձայն տվին չորս կողմից։
 
Ամբոխը շարժման մեջ դրվեց, և մարդկային հեղեղը հանդարտ հոսեց դեպի դուռը՝ տանելով իր հետ չորս հերոսներին։ Փողոցում մի ինչ֊որ անհասկանալի բան սկսվեց։ Այստեղ հավաքվել էր հարյուր հազար մարդուց ոչ պակաս մի բազմություն։ Մարդիկ կանգնել էին ուս֊ուսի Լենհեմ֊օթելից մինչև Օքսվորդյան հրապարակը։ Հենց որ մուտքի մոտ վառ լապտերները լուսավորեցին ամբոխի գլխավերևում լողացող չորս հերոսներին, օդը թնդաց ողջույնի բացականչություններից․ «Թափորը դեպի Ռիջենտ֊ետրի՛տ», ― միահամուռ պահանջեցին բոլորը։ Փակելով փողոցը՝ շարասյունը Ռիջենտ֊ստրիտով շարժվեց առաջ դեպի Պելլ֊Մելլ, Սենտ֊Ջեյմս֊ստրիտ և Պիկադիլի։ Լոնդոնի կենտրոնում շարժումը կանգ առավ։ Մի կողմից ցուցարաների, մյուս կողմից ոստիկանության ու մեքենավարների միջև տեղի ունեցան մի շարք ընդհարումներ։ Վերջապես, արդեն կեսգիշերից հետո, ամբոխը չորս ճանապարհորդներին բաց թողեց, հասցնելով նրանց Օլբենի, լորդ Ջոն Ռոքստոնի բնակարանի դռների մոտ, հրաժեշտ տալով «Մեր փառապանծ ջահելները» երգով և ծրագիրը ավարտվեց հիմնով։ Այդպես վերջացավ այդ երեկոն՝ մեկն այն նշանակալից երեկոներից, որպիսին Լոնդոնը երբևէ տեսել է վերջին տասնամյակներում»։
 
Այսպես էր գրում իմ բարեկամ Մակդոնան։ Չնայած ծանր ոճին, դեպքերի ընթացքը բավական ճիշտ էր շարադրված այդ հաշվետվության մեջ։ Ինչ վերաբերում է ամենամեծ սենսացիային, ապա դա իր անսպասելիությամբ ապշեցրեց միայն հասարակությանը, բայց ոչ մեզ՝ արշավախմբի մասնակիցնեիս։ Ընթերցողը, անշուշտ, չի մոռացել իմ հանդիպումը լորդ Ջոն Ռոքստոնի հետ, երբ նա կրինոլինի նման ինչ֊որ բան քաշած վրան, գնում էր պրոֆեսոր Չելենջերի համար «ձագուկ» ճարելու։ Հիշեցեք նաև իմ ակնարկներն այն գլխացավանքի մասին, որ պատճառեց մեզ Չելենջերի ծանրոցը սարահարթից իջնելիս։ Եթե ես մտածեի պատմությունս շարունակել, ապա նրանում քիչ տեղ չէր հատկացվի մեր ոչ այնքան ախորժելի ուղեկցին, որին ստիպված էինք գոհացնել հոտած ձկնով։ Ես այդ մասին լռեցի, որովհետև պրոֆեսոր Չելենջերը վախենում էր, թե հանկարծ այդ անհերքելի փաստարկի մասին լուրերը չհասնեն հասարակության ականջին նախքան այն րոպեն, երբ նա կօգտվի նրանից իր հակառակորդների թոզը քամուն տալու համար։
 
Մի քանի խոսք լոնդոնյան պտերոդակտիլի մասին։ Այստեղ ոչ մի որոշակի բան չհաջողվեց պարզել։ Երկու ահաբեկյալ կանայք պնդում էին, թե իբր տեսել են նրան Կուինզ֊հոլլի տանիքին, ուր նա բազմել էր մի քանի ժամ, նման հրեշավոր քիմերի։ Հետևյալ օրը երեկոյան թերթերում երևաց այսպիսի բովանդակությամբ մի կարճ հաղորդում։ Գվարդիական Մայլզը, որը ժամապահ էր Մոլբորո֊հաուսում, թողել էր պոստը և դրա համար հանձնվել ռազմական դատարանին։ Դատավարության ժամանակ Մայլզը ցուցմունք էր տվել, թե գիշերային հերթապահության պահին նա պատահաբար նայել էր վերև և տեսել մի սատանա, որը ծածկել էր լուսինը։ Դրանից հետո նա հրացանը նետել էր ու փախել Պելլ֊Մելլ փողոցով։ Մեղադրյալի ցուցմունքները ուշադրության չէին առնվել, մինչդեռ դրանք կարող էին ուղղակի կապի մեջ լինել մեզ հետաքրքրող հարցի հետ։
 
Կավելացնեմ ևս մի վկայություն, որը քաղել եմ Ամերիկա֊հոլանդական գծի «Ֆրիսլանդ» շոգենավի մատյանից։ Այստեղ գրված է, որ հետևյալ օրվա առավոտյան ժամը իննին, երբ Ստարտ֊Պոյնտը տասը մղոնի վրա էր, նավի աջ կողմից, վերևում, հարավ֊արևվմտյան ուղղությամբ ահավոր արագությամբ սլացավ թևավոր այծի և հսկայական չղջիկի միջին մեծության մի արարած։ Եթե բնազդը մեր պտերոդակտիլին ճիշտ էր ցույց տվել ճամփան, ապա կասկած չի կարող լինել, որ նա իր վախճանը գտավ ինչ֊որ տեղ ատլանտյան օվկիանոսի ջրերում։
 
Հապա իմ Գլեդի՞սը։ Գլեդիսը, որի անունը տրվեց այն խորհրդավոր լճին և որն այսուհետև կկոչվի Կենտրոնական, որովհետև այլևս չեմ ուզում անմահություն պարգևել նրան։ Մի՞թե առաջ էլ ես այդ կնոջ բնավորության մեջ խստասրտության նշաններ չէի նկատել։ Մի՞թե չէի զգում, հպարտությամբ հնազանդվելով նրա հրամաններին, որ շատ բան չարժե այն սերը, որը մարդուն ուղարկում է հաստատ մահվան ընդառաջ կամ ստիպում կյանքը վտանգի ենթարկել։ Չէի՞ կռվում միթե այն աննահանջ մտքի հետ, որ գեղեցիկ է միայն այդ կնոջ արտաքին կերպարանքը, որ եսասիրության ու փոփոխամտության ստվերը մթագնում է նրա հոգին։ Ինչո՞ւ էր նա այդպես տարվում ամեն մի հերոսական արարքով։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ ազնիվ արարքի մեծությունը կարող էր արտացոլվել նաև նրա վրա, առանց իր կողմից որևէ ջանքի ու զոհաբերության։ Կամ միգուցե այս ամենը դատարկ, անհիմն ենթադրություննե՞ր են։ Գլուխս կորցրել էի այս բոլոր օրերի ընթացքում։ Ստացած հարվածը թունավորել էր հոգիս։
 
Բայց անցել էր մեկ շաբաթ, որի ընթացքում ես մի շատ լուրջ խոսակցություն ունեցա լորդ Ջոն Ռոքստոնի հետ․․․ Քիչ առ քիչ սկսում է թվալ, թե գործերն այնքան էլ վատ չեն։
 
Մի քանի խոսքով պատմեմ, թե ամեն բան ինչպես եղավ։ Սաուտհեմպտոնում ո՛չ նամակ կար իմ անունով, ո՛չ հեռագիր։ Դրանից անհանգստացած, նույն օրվա երեկոյան ժամը տասին ես արդեն կանգնել էի Ստրիտեմի փոքրիկ վիլլայի դռան առաջ։ Միգուցե նա այլևս կենդանի չէ՞։ Վաղո՞ւց է, որ ես երազում էի բաց գիրկ ժպտացող դեմք, ջերմ գովասանքներ, որ առանց հաշվի շռայլվում են սիրածի քմահաճույքներով կյանքը վտանգի ենթարկող հերոսի հասցեին։ Իրականությունն ամպերի բարձրունքից ինձ գետին շպրտեց։ Սակայն բավական է նրա մի խոսքը, որպեսզի ես նորից ճախրեմ դեպի ամպերը։ Եվ ես ամբողջ թափով սլացա պարտեզի ճամփով, ծեծեցի դուռը, լսեցի իմ Գլեդիսի ձայնը, մի կողմ հրեցի շփոթված աղախնին ու ներս ընկա հյուրասենյակ։ Նա նստած էր դաշնամուրի և բարձր լամպի միջև դրված փոքրիկ բազմոցին։ Սենյակը երեք քայլ արի ու նրա ձեռքերն առա իմ ձեռքերի մեջ։
 
― Գլե՛դիս, ― բացականչեցի ես։ ― Գլե՛դիս։
 
Նա զարմանքով նայեց ինձ։ Մեր վերջին հանդիպումից հետո նրա մեջ ինչ֊որ անորսալի փոփոխություն էր կատարվել։ Սառը հայացքը, ամուր սեղմված շրթունքները՝ այդ բոլորն ինձ նոր թվաց։ Գլեդիսն ազատեց իր ձեռքերը։
 
― Այս ի՞նչ է նշանակում, ― հարցրեց նա։
 
― Գլեդի՛ս, ― ձայն տվեցի ես։ ― Ձեզ ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դուք իմ Գլեդիսն եք, իմ սիրելի փոքրիկը, Գլեդիս Հանգերտոնը։
 
― Ո՛չ, ― ասաց նա, ― ես Գլեդիս Պոտս եմ։ Թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ ամուսնուն։
 
Կյանքի ինչպիսի՜ հիմար կատակ․․․ Ես ինձ որսացի մի փոքրիկ, կարմրաշեկ սուբյեկտի մեքենայորեն գլուխ տալիս ու ձեռքը սեղմելիս, սուբյեկտ, որը հարմար կերպով տեղավորվել էր այն խոր բազկաթոռում, որ մի ժամանակ ծառայում էր միայն ինձ։ Մենք գլխով արինք իրար և նայում էինք մեկմեկու ամենահիմար ժպիտով։
 
― Հայրիկը մեզ թույլատրել է առայժմ ապրել այստեղ։ Մեր տունը դեռ պատրաստ չէ, ― բացատրեց Գլեդիսը։
 
― Ահա թե ի՜նչ, ― ասացի ես։
 
― Մի՞թե դուք Պարայում իմ նամակը չեք ստացել։
 
― Ոչ, ես ոչ մի նամակ չեմ ստացել։
 
― Ափսոս։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ կլիներ ձեզ։
 
― Այնպես էլ ամեն բան պարզ է, ― քրթմնջացի ես։
 
― Ես ձեր մասին պատմել եմ Վիլյամին, ― շարունակեց Գլեդիսը։ ― Մենք իրարից գաղտնիք չունենք։ Շատ եմ ցավում, որ այսպես ստացվեց, բայց հավանորեն ձեր զգացմունքն այնքան էլ խոր չէր, եթե կարողացաք լքել ինձ այստեղ ու մեկնել ով գիտե աշխարհի որ ծայրը։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում։
 
― Ոչ, ինչ եք ասում, ինչ եք ասում․․․ Դե, թերևս, ես գնամ։
 
― Չե՞ք ուզում մեզ հետ թեյ խմել, ― առաջարկեց կարմրաշեկ սուբյեկտը, հետո ավելացրեց մտերմական տոնով։ ― Ահա, միշտ այդպես է լինում․․․ Ուրիշ ինչի՞ վրա կարելի է հույս դնել։ Երկու ախոյաններից հաղթում է միշտ մեկը։
 
Նա ծիծաղեց ապուշային ծիծաղով, և ես լավ համարեցի հեռանալ։
 
Հյուրասենյակի դուռն արդեն փակվել էր ետևիցս, երբ հանկարծ ասես մի բան ինձ ետ հրեց, և, ենթարկվելով այդ ներքին մղումին, վերադարձա իմ երջանիկ ախոյանի մոտ։ Նա իսկույն մի տագնապալի հայացք նետեց էլեկտրական զանգին։
 
― Պատասխանեցեք խնդրեմ մի հարցի, ― ասացի ես։
 
― Եթե դա թույլատրելի սահմաններում է, ինչ կա որ․․․
 
― Դուք ինչպե՞ս հասաք դրան․․․ Գա՞նձ եք գտել, բևե՞ռ հայտնաբերել, ծովահե՞ն եք եղել, թռել եք Լա֊Մանշի վրայո՞վ․․․ Ի՞նչ եք արել դուք։ Որտե՞ղ է նա, ռոմանտիկան։ Ինչպե՞ս հաջողվեց դա ձեզ։
 
Նա աչքերը չռել էր ինձ վրա։ Նրա բարեհոգի֊հիմարավուն, ողորմելի կերպարանքը լիակատար տարակուսանք էր արտահայտում։
 
― Լավ։ ― Եվս մի հարց, վերջինը, ― բացականչեցի ես։ ― Ո՞վ եք դուք, ի՞նչ մասնագիտություն ունեք։
 
― Ես աշխատում եմ Ջոնսոն և Մերիվիլլի նոտարական գրասենյակում իբրև նամակատար։ Հասցեն՝ Չենսերի֊Լեյն, տուն քառասունմեկ։
 
― Ցտեսությո՛ւն, ― բղավեցի ես, և, ինչպես վայել է անմխիթար հերոսին, կորա գիշերային խավարում՝ հուզված զայրույթից, վշտից և․․․ ծիծաղից։
 
Եվս մի կարճ տեսարան, և ես պատմությունս կավարտեմ։
 
Երեկ երեկոյան մենք բոլորս հավաքվեցինք լորդ Ջոն Ռոքստոնի մոտ և ընթրիքից հետո, սիգար ծխելով, մտերմական զրույցի ընթացքում երկար հիշում էինք մեր արկածները։ Ինձ համար տարօրինակ էր այդ լավ ծանոթ դեմքերը տեսնել այդպիսի անսովոր հանգամանքներում։ Ահա նստած է Չելենջերը։ Առաջվա նման ներողամիտ ժպիտը խաղում է նրա շրթունքներին, կոպերը նույն արհամարհական ձևով կկոցված են, մորուքը վեր է ցցում, կուռծքը ուռցնում, ուժերը լարում՝ ջանալով ուսուցանել Սամերլիին։ Իսկ սա փստացնում է իր կարճ ծխամորճը և այծմորուքը ցնցում՝ կատաղորեն վիճարկելով Չելենջերի ամեն մի խոսքը։ Եվ վերջապես, ահա մեր տանտերը՝ նիհար դեմք, սառցակապույտ, արծվային աչքեր, որոնց խորքում մլմլում է մի ուրախ, խորամանկ կրակ։ Երեքն էլ այդպես շատ երկար կմնան իմ հիշողության մեջ։
 
Ընթրիքից հետո անցանք լորդ Ջոնի սրբության սրբոցը՝ նրա աշխատասենյակը, որը ողողված էր վարդագույն լույսով և զարդարված բազմաթիվ հաղթանիշներով։ Մեր հետագա խոսակցությունը տեղի ունեցավ այդ սենյակում։ Տանտերը փոքրիկ պահարանից հանեց սիգարի մի հին տուփ և դրեց իր առաջ, սեղանի վրա։
 
― Թերևս վաղուց պետք է ձեզ այս գործին հաղորդակից դարձնեի, ― սկսեց նա, ― բայց ուզում եմ նախապես ամեն բան պարզել մինչև վերջ։ Արժե՞ միթե հույսեր արթնացնել և հետո համոզվել, որ դրանք անիրագործելի են։ Բայց այժմ մեր առջև փաստն է։ Հավանորեն հիշում եք այն օրը, երբ մենք ճահճում գտանք պտերոդակտիլների որջը։ Ահա, ուրեմն, ես նայեցի, այդ ճահճին և վերջ ի վերջո մտքերի մեջ ընկա։ Կասեմ, թե բանն ինչ է, եթե դուք ինքներդ ոչինչ չեք նկատել։ Դա հրաբխային ձագար էր՝ կապույտ կավով։
 
Երկու պրոֆեսորն էլ գլխով արին՝ հաստատելով նրա խոսքերը։
 
― Նույնպիսի կապտակավ հրաբխային ձագար ինձ վիճակվել է միայն մեկ անգամ տեսնել իմ կյանքում՝ Կիմբեռլիի ալմաստի մեծ ցրվածքներում։ Հասկանո՞ւմ եք։ Ալմաստը մտքիցս դուրս չէր գալիս։ Այդ գարշահոտ սողուններից պաշտպանվելու համար ես զամբյուղի նման մի բան պատրաստեցի և, բահով զինվելով, վատ չէի անկացնում ժամանակս նրանց որջում։ Ահա թե ինչ հանեցի այնտեղից։
 
Նա բաց արավ սիգարատուփը, շուռ տվեց այն և սեղանին թափեց մոտ երեսուն չհղկված ալմաստ՝ բակլայից մինչև շագանակի մեծության։
 
― Թերևս ասեք, որ ես պետք է անմիջապես հայտնեի իմ գյուտի մասին։ Չեմ վիճում։ Բայց անփորձ մարդը հեշտությամբ կարող է սխալվել այս քարերի հարցում։ Չէ՞ որ սրանց արժեքը կախված է ոչ այնքան մեծությունից, որքան համակազմվածքից ու մաքրությունից։ Մի խոսքով, բերի այստեղ, առաջին իսկ օրը գնացի Սպինկի մոտ ու խնդրեցի քարերից մեկը հղկել ու գնահատել։
 
Լորդ Ջոնը գրպանից հանեց մի փոքրիկ տուփ և ցույց տվեց սքանչելիորեն փայլփլող մի ադամանդ, որի նմանը, թերևս, երբեք չէի տեսել։
 
― Ահա իմ ջանքերի արդյունքը, ― ասաց նա։ ― Ոսկերիչն այս բոլորը գնահատեց ամենաքիչը երկու հարյուր հազար ֆունտ։ Հասկանալի է, մենք այդ գումարը կբաշխենք հավասարապես։ Ես ոչ մի այլ բանի չեմ համաձայնի։ Դե, Չելենջեր, դուք ի՞նչ եք անելու ձեր հիսուն հազարը։
 
― Եթե իսկապես պնդում եք ձեր մեծահոգի որոշման վրա, ― ասաց պրոֆեսորը, ― ապա ես իմ բոլոր փողերը կծախսեմ մասնավոր թանգարանի կահավորման վրա, որի մասին վաղուց եմ երազում։
 
― Իսկ դո՞ւք, Սամերլի։
 
― Ես կթողնեմ դասերը և ամբողջ ժամանակս կնվիրեմ կավճային շրջանի իմ բրածոների հավաքածուի վերջնական դասակարգմանը։
 
― Իսկ ես, ― ասաց լորդ Ջոն Ռոքստոնը, ― իմ ամբողջ բաժինը կծախսեմ արշավախմբի հանդեձավորման վրա և մի անգամ ևս կդիտեմ մեր սրտին սիրելի սարահարթը։ Ինչ վերաբերում է ձեզ, սիրելի երիտասարդ, ապա փողը ձեզ ևս հարկավոր է՝ չէ՞ որ դուք ամուսնանում եք։
 
― Դե ոչ, առայժմ չեմ պատրաստվում, ― տխուր ժպիտով պատասխանեցի ես։ ― Եթե դուք չեք առարկում, թերևս ես միանամ ձեզ։
 
Լորդ Ռոքստոնը նայեց աչքերիս և իր ամուր, արևակեզ ձեռքը լուռ պարզեց դեպի ինձ։
 
 
 
 
 
 
Վստահելի
593
edits