― Ոչի՛նչ, պապաշա։ Մի՛ վհատվեք։ Նիստը շարունակվում է։ Վաղը երեկոյան մենք Մոսկվայումն ենք։
==Մասն երկրորդ==
Մոսկվայում
Գլուխ XV
Աթոռների օվկիանոսում
Վիճակագրությունը ամեն բան գիտե։
Ստույգ հաշվի է առնված ՍՍՌՄ֊ի վարելահողի քանակը՝ սևահողի, կավահողի և լյոսահողի ստորաբաժանումներով։ Բոլոր երկսեռ քաղաքացիները խնամքով գրանցված են այն հաստ գրքերում, որոնք այնպես քաջածանոթ են Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին՝ զագսի գրքերում։ Հայտնի է, թե տարվա մեջ որքան և ինչ կերակուր է ուտում ռեսպուբլիկայի միջին քաղաքացին։ Հայտնի է, թե այդ միջին քաղաքացին միջին հաշվով որքան օդի է խմում, մոտավորապես ցույց տալով նաև հետը կերածի քանակը։ Հայտնի է, թե երկրում որքան որսորդներ, պարուհիներ, ատրճանակի հաստոցներ, ամեն ցեղի շներ, հեծանիվներ, հուշարձաններ, աղջիկներ, փարոսներ և կարի մեքենաներ կան։
Որքա՜ն շատ կյանքեր, ավյունով, կրքերով և մտքերով լեցուն կյանքեր են նայում մեզ վիճակագրական աղյուսակներից։
Ո՞վ է այս կարմրաթուշ անհատը, որ անձեռնոցիկը կրծքին կապած նստել է սեղանի մոտ և ախորժակով ոչնչացնում է գոլորշի արձակող կերակուրը։ Նրա շուրջը փռված են մանր ցուլերի նախիրներ։ Պարարտ խոզերը խռնվել են աղյուսակի մի անկյունում։ Վիճակագրական հատուկ ավազանի մեջ լող են տալիս անթիվ և անհամար ձկներ՝ թառափներ, շերեփաձկներ և տառեխներ։ Անհատի ուսերին, ձեռքերին և գլխի վրա հավեր են նստել։ Փետրանման ամպերի մեջ թռչում են ընտանի սագեր, բադեր և հնդուհավեր։ Սեղանի տակ թաքնվել են երկու ճագարներ։ Հորիզոնի վրա բարձրանում են թխած հացի բուրգեր և բաբելոններ։ Մուրաբաներից շինած մի փոքրիկ բերդ ողողվում է կաթի գետով։ Պիզայի աշտարակի մեծության մի վարունգ կանգնած է հորիզոնում։ Աղի, տաքդեղի բերդապատնեշների ետևում վաշտ առ վաշտ մարշի են ելել գինիները, օղիներն ու թրմօղիները։ Արյերգարդում խղճուկ խմբերով քարշ են գալիս անալկոհոլ խմիչքները․ ապաշար նարզանները, լիմոնադներն ու լարացանցերով սիֆոնները։
Ո՞վ է ուրեմն այդ կարմրաթուշ անհատը․ շատակե՞ր է, հարբեցող ու բկլի՞կ։ Գարգանտյուա՞ է, դիպսոդների թագավո՞ր։ Սիլավ Ֆո՞ս։ Առասպելական զինվոր Կարմրաբլուզ Յա՞շկա։ Լուկուլլո՞ս։
Սա Լուկուլլոսը չէ։ Սա Իվան Իվանովիչ Սիդորովն է կամ Սիդոր Սիդորովիչ Իվանովը, միջին քաղաքացին, որն իր կյանքի ընթացքում միջին հաշվով ուտում է աղյուսակի վրա պատկերած բոլոր ուտելեղենները։ Սա կալորիաների և վիտամինների նորմալ սպառող է, քառասուն տարեկան սուսուփուս մի ամուրի, որ ծառայում է գալանտերեայի և տրիկոտաժի պետական խանությում։
Վիճակագրությունից ոչ մի տեղ թաքնվել չի լինի։ Նա ճիշտ տեղեկություններ ունի ոչ միայն ատամնաբույժների, երշիկարանների, սրսկիչների, դռնապանների, կինոռեժիսյորների, պոռնիկների, ծղոտե կտուրների, այրիների, կառապանների և զանգերի քանակի մասին, այլև գիտե անգամ, թե երկրում որքան վիճակագիրներ կան։
Միայն մի բան չգիտե նա։
Չգիտե, թե ՍՍՌՄ֊ում որքան աթոռ կա։
Աթոռներ շատ կան։
Վիճակագրական վերջին մարդահամարը միութենական ռեսպուբլիկաների բնակչության թիվը սահմանեց հարյուր քառասուներեք միլիոն մարդ։ Եթե դեն նետելու լինենք իննսուն միլիոն գյուղացիների, որոնք աթոռների փոխարեն նախապատվություն են տալիս թախտերին, երկար նստարաններին, հողաթախտերին, իսկ Արևելքում՝ մաշված գորգերին, ջեջիմներին, այնուամենայնիվ կմնա հիսուն միլիոն մարդ, որոնց տնային առօրյա կենցաղում աթոռները առաջին անհրաժեշտության առարկաներ են հանդիսանում։ Եթե նկատի առնելու լինենք հաշվումների մեջ թույլ տված սխալները և Միության որոշ քաղաքացիների՝ երկու աթոռների արանքում նստելու սովորությունը, ապա ընդհանուր գումարը համենայն դեպս երկու անգամ կրճատելով, կգտնենք, որ երկրում պետք է լինի քսանվեց ու կես միլիոնից ոչ պակաս աթոռ։ Ճշտության խաթեր հրաժարվենք նաև վեց ու կես միլիոնից։ Մնացած քսան միլիոնը նվազագույն թիվը կլինի։
Կաղնուց, ընկույզից, թխկենուց, հացենուց, կարմիր փայտից և կարելական կեչուց շինված այդ աթոռների օվկիանոսի մեջ, եղևնյա և սոճենու աթոռների մեջ մեր վեպի հերոսները գտնելու են ընկույզե հաբսյան մի աթոռ՝ ճկած ոտքերով, որն անգլիական չթով պատած իր փորի մեջ թաքցնում է մադամ Պետուխովայի գանձերը։
Կոնցեսիոներները պառկել էին վերևի թարեքին և դեռ քնած էին, երբ գնացքը զգուշորեն անցավ Օկան և, ընթացքն արագացնելով, սկսեց մոտենալ Մոսկվային։
==Ծանոթագրություններ==
<references/>