Ու մի օր ես նորից տեսա երկինքը, մեր գերեզմանոցը քանդել էին և նրա տեղում այգի էր՝ խոտեր, ծաղիկներ։ Ես ծաղիկ էի։ Ես հրճվանքով նայեցի շուրջս, ուրախանալով, որ կգտնեմ նրան և կտամ այս խոսքերը, որ իրենն էին… Բայց նա չկար. իմ շուրջն ուրիշ ծաղիկներ էին, որոնց չէի ճանաչում։ Հասկացա, որ երևի մի ամբողջ հարյուր տարի մնացել եմ հողի տակ, և նա էլ, երևի, հիմա կամ ծաղիկ է, խոտ, կամ մի բուռ ցորեն, ո՞վ գիտի, աշխարհի ո՞ր դաշտերում… Ես պատրաստ էի նրան գտնելու համար ման գալ ամբողջ երկրագունդը, բայց ես միայն ծաղիկ էի և իսկույն մեռա, երբ փորձում էի ոտքերս հանել հողից։ Մեռա վերջին անգամ։ Ու երբ նորից դարձա հող, այդ պահին միայն հասկացա, թե ինչու են շուտ մեռնում ծաղիկները։ Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ֊որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին և որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ։ Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղիկային ամբողջ ձայնով. «Մի՛ կորցնեք, մարդի՛կ»։
Այս տողերը մի աղջկա համար էին, որին սիրում էի և որին չգտա։ Դրա համար ձեզ եմ տալիս, մարդիկ, որ կյանքում միշտ կորցնում եք հենց ամենալանկը։ամենաթանկը։
1965
== Տխուր վերջաբանությամբ հեքիաթ ==
Երկու սենյակների մեջ ընկած դուռը փակվեց առավոտյան, իսկ հիմա արդեն գիշեր է։ Ես հանգցրել եմ լույսը, թեպետ գիտեմ, որ քնել չեմ կարողանալու։ Ծխում եմ։ Չեմ ուզում մտածել։ Ուզում եմ երևի դատարկել ուղեղս հիշողություններից, անուններից։ Հիմար ցանկություն։ Այդ ամենը կոչվում է ապրած կյանք, իսկ կյանքը սենյակ չէ, որ չուզածդ իրերը դուրս շպրտես։ Երևի ես դեռ չեմ հավատում, թե սա վերջն է, որովհետև տխուր եմ։ Տխուր եմ, դատարկ՝ որքան էլ համոզեմ ինքս ինձ, աշխարհին, թե ճիշտ արեցի, թե այլևս անհնար էր… Հիմարություն։ Սենտիմենտալ պահ է, կանցնի, գիշերը մի կերպ կլուսանա, կյանքը կշարունակվի, իհարկե։ Իհարկե, տխուր եմ։ Իսկ ի՞նչ է, պարեի, գնայի կրկես… Մի բաժակ օղի եմ խմում, հետո երկրորդը… Դուռը փակ է։ Բայց ես գիտեմ ինչ կա դռան ետևում և դրա համար հարկարվոր չէ, որ բաց լինի։ Ինձ ծանոթ են այն սենյակում դրված բոլոր առարկաների ձայները, թեպետ գիշեր է, լռություն։ Ու հանկարծ ձայն եմ լսում։
Բնազդն ինձ հրում է վեր կենալ, որովհետև դա որդուս ձայնն է։ Բայց հանկարծ տեսնում եմ սենյակներն անջատող դուռը, որ մի օր առաջ միացնում էր նույն այդ սենյակները։ Ինչպե՞ս գնամ։ Ո՞ւր։ Եթե այդ ձայնը ես լսեի կիլոմետրերի հեռվից, կարող էի վեր կենալ, վազել։ Իսկ հիմա ինչ անեմ, երբ այսքան մոտիկ է։ Ձայնը նորից է կրկնվում։ Այո, որդիս է, ինչ֊որ բան է ասում, չեմ կարողանում հասկանալ, իրարից զանազանել բառերը։ Այսինքն, ինչ պիտի ասի որ. կամ ջուր է ուզում, կամ երևի շոգում է։
Իմ որդին դեռ ոչինչ չգիտե, նրան թվում է, որ հիմա էլ սովորական գիշեր է, իսկ ես քիչ այն կողմ եմ, մյուս մահճակալին։ Ես իրոք քիչ այն կողմ եմ, մյուս սենյակում։ Ես բացում եմ պատշգամբի դուռը, որ փողոցի ձայները ներս լցվեն, և ես չլսեմ ուրիշ ոչինչ։
Մի քանի ժամ առաջ այս դուռը բաց էր, և դու բաժանում էիր իրերը։ Միայն իրերն էին մնացել բաժանելու, մենք վաղուց էինք այդ արել, թեպետ բաց էր սենյակի դուռը և մեր մահճակալները դրված էին կողք֊կողքի։
Քիչ առաջ ես նստած էի այս սենյակում (որտեղ հիմա չեմ կարողանում քնել) ու լսում էի քո ձայնը։
— Սեղանը ես եմ վեցնում, հորս նվիրածն է, իսկ թախտը թող քեզ մնա։
— Ռադիոընդունիչն ինձ։
— Քեզ երեք սրբիչ հերիք է։
Ես լսում էի ամեն ինչ և ոչինչ չէի լսում։ Իսկ մեր որդին, սովորականի պես, խաղում էր։ Նա տիկնիկը դրել էր անկյունում և կրակում էր խաղալիք֊հրացանով։ Տիկնիկը վայր չէր ընկնում, և նա բարկանում էր։ Ես նայում էի այդ տիկնիկին։ Նա ինձ շատ էր նման։ Ոչ, ես սենտիմենտալ չեմ. պարզապես այդ տիկնիկն էլ չգիտեր ինչ անել՝ ինչպես ես այդ պահին։ Երևի քեզ համար էլ հեշտ չէր, դու պարզապես բարձր էիր խոսում, որ ցույց տաս, թե քեզ համար այդ ամենը ոչինչ չարժե։ Բայց եթե ոչինչ չարժեր, կլռեիր։
Ի Վերջո բոլոր իրերը բաժանեցիր, իսկ մեր որդին դեռ խաղում էր սովորականի պես։ Արդեն հարկավոր էր փակել դուռը, որ կբաժաներ նաև սենյակների օդը, ու դու փակեցիր։ Երեխային անհնար էր բաժանել երկու մասի։ Դու փակեցիր դուռը, իսկ տիկնիկը մնաց իմ սենյակում, իմ։ Առաջին անգամ ես մտածեցի այդ դերանունը և զգացի, որ ինչ֊որ բան խեղդում է ինձ։
Այդ մի քանի ժամ առաջ էր։ Ես չգիտեի. քնա՞ծ ես դու հիմա, իսկ երեխան լռել է վաղուց։ Ես բացում եմ իմ սենյակի դուռը. իմ սենյակում լուսամուտ չկա, այդ մնաց քո սենյակում։ Իմը միայն դուռ է։
Ես չգիտեմ, թե ինչ հասավ ինձ մեր տան իրերից, գիտեմ, որ երեխան, որ իմ անունն ու ազգանունն է կրում, ինձ չհասավ։
Ես արդեն ծխախոտ էլ չունեմ։
Ես ջրում եմ քո ծաղիկները։ Ծաղիկները պատշգամբում են, դու չես տարել քո սենյակ, այնտեղ արև չկա. իրերը շատ են։ Ու ես ջրում եմ ծաղիկները։ Առաջ ես միշտ բարկանում էի, երբ ասում էի ջրիր ծաղիկները։ Ինձ թվում էր դա կնոջ գործ է, և դու պարզապես ուզում ես ինձ նվաստացնել։ Բայց երբ ծաղիկները մնացին պատշգամբում, ես սկսեցի ջրել, նույնիսկ օրը մի քանի անգամ (գուցե այդ վնա՞ս է)։ Ծաղիկները պահարան չեն։ Նրանք մի քիչ նման են երեխաներին, որոնք ինչ֊որ բան զգում են այնուամենայնիվ։ Եվ չգիտեն ինչ անել։
Դու տանը չես։ Արդեն երեք շաբաթ է, ինչու դու վերադարձել ես հորդ տուն, իսկ իմ որդին, որ առաջ մեր որդին էր, այսօր հյուր է եկել ինձ։ Ես երջանիկ եմ, թեպետ ավելի լավ կլիներ, որ լաց լինել կարողանայի, ինչպես կանայք, ինչպես դու։ Բայց պետք է ոչ միայն լաց չլինեմ, այլև պետք է հեքիաթներ պատմեմ՝ անպայման երջանիկ վերջավորություններով. երեխաներն այդպես են ուզում։ Ոչ միայն ուզում. նրանք հավատացած են, որ աշխարհում ամեն բան երջանիկ է վերջանում։ Ես նրան պատմում եմ հեքիաթները, որ ինքս եմ հորինում և դրա համար էլ հեքիաթները տխուր են վերջանում։ Ես պատմում եմ, օրինակ, չար գայլի մասին, որն ուտում է խեղճ նապաստակին, բայց տղաս ուղղում է ինձ, ասելով, որ հենց այդ պահին երևում է որսորդը, և, սպանելով գայլին, փրկում է նապաստակի կյանքը։ Իսկ երբ հարցնում եմ, թե ով էր այդ որսորդը, նա ամենայն լրջությամբ ասում է՝ Գագիկը։ Երբ հարցնում եմ, թե ով է Գագիկը, նա ասում է, որ իրենց մանկապարտեզից է։ «Երեկ Կարոն Ծովիկին ծեծեց, իսկ Գագիկը՝ Կարոյին։ Բա փոքրերին կարելի՞ է ծեծել»։ Ես ասում եմ, որ չի կարելի։ Բայց իմ հաջորդ հեքիաթն էլ տխուր է վերջանում, և տղաս ձանձրանում է։ Նա ուզում է բացել երկու սենյակները միացնող դուռը, որը մինչ այդ միշտ բաց էր։ Չի կարողանում։ Այդ դուռը դու ես փակել մյուս կողմից։ Տղաս աթոռը դնում է ոտքերի տակ, փորձում ետ քաշել, վարագույրը, բայց մյուս կողմում մութ է։ Մյուս կողմի վարագույրը նա չի կարողանում ետ տանել։ Ես սարսափով նրան եմ նայում, վախենում եմ, որ հանկարծ ինչ֊որ հարց կտա։ Բայց նա մի ակնթարթ քիթը հպում է ապակուն, հետո, անսպասելիորեն լրջանալով, իջնում աթոռից։ Ոչինչ չի հարցնում, և ես հանկարծ ուզում եմ, որ նա խոսի, թեկուզ հազար հարց տա միանգամից։ Ես վախենում եմ նրա նռությունից։ Բայց նա շարունակում է լռել։ Գուցե լռում է բոլորովին ուրիշ բանի համար, բայց իմ ուղեղի աշխատում է միայն մի ուղղությամբ, ինձ թվում է, թէ նա ինչ֊որ բան է հասկանում և լռում է դրա համար։ Անհնար է նայել նրան, ու ես փախչում եմ պատշգամբ։ Ես փախչում եմ, որպեսզի չպատասխանեմ այդ լռությանը։ Մի պահ այդ լռության առաջ դատարկ ու չնչին են թվում մեր բոլոր վեճերը, ամեն ինչ։ Ես փախչում եմ պատշգամբ, որտեղ քո ծաղիկներն են։ Ծաղիկները ոչինչ չգիտեն, նրանք խաշվում են արևի տակ, իսկ արևը ամեն տեղ նույնն է։ Ես նայում եմ նրանց ու մտածում, որ մի քանի օր հետո այդ ծաղիկներն էլ կգնան հորդ տուն։ Ես չգիտեմ, որ ծաղիկն ինձ կթողես և կթողե՞ս արդյոք։ Հետո սկսում եմ ջրել քո ծաղիկները, թեպետ չգիտեմ, ժամամա՞կմ է, թէ՞։
Իսկ ծաղիկները լուռ են։
Ինչպես իմ որդին։
Ծաղիկների լռությունն իմ հորինածն է, քանի որ ծաղիկները ե՞րբ են խոսել։ Դրա համար էլ հարկավոր չէ, որ մեկնումեկը պատասխան տա ծաղիկների լռության համար։
Իսկ ո՞վ պատասխան կտա իմ որդու լռության համար։
Այսօր դու տարար քո սենյակի իրերը։
Պառկած իմ բազմոցին, ես լսում եմ անծանոթ մարդկանց ձայներ և մեկ֊մեկ նաև քո ձայնը։ Աչքերս փակ՝ ես տեսնում եմ, թէ ինչպես է դատարկվում այն սենյակը, որի յուրաքանչյուր անկյուն լցվելը ինձ համար ուրախություն է եղել։ Այդ սենյակի հետ, թվում է, դատարկվում է իմ սիրտը։ Ես ուզում եմ մի պահ վեր կենալ, դուրս վազել ու գոռալ այդ անծանոթ մարդկանց ականջի տակ. «Սպասեցեք, ո՞ւր եք տանում։ Դա սովորական աթոռ չէ կամ լվացքի մեքենա, դուք իմ տունն եք տանում»։ Ու հանկարծ ինծ թվում է՝ անծանոթ մարդիկ լսում են ու կանգ առնում։ Ես չգիտեմ ինչ անեմ, իսկ դու գոռում ես ավելի բարձր. «Տարեք, ինչո՞ւ կանգնեցիք»։
Ես տրորում եմ աչքերս, որովհետև դեռ պառկած եմ բազմոցին, իսկ հարևան սենյակում նույն աղմուկն է։ Ու հանկարծ ես լսում եմ որդուս ձայնը։
Մինչև ես վեր կթռչեմ, նա բացում է իմ հենյակի դուռը։
— Հայրիկ,— ասում է նա,— ո՞ւր են տանում իմ մահճակալը։
— Գունավոր մատիտներ ուզո՞ւմ ես,— հարցնում եմ ես, ինքս էլ զարմանալով իմ հանգստությունից,— քեզ համար եմ բերել։
Իմ որդին գունավոր մատիտներ չի ուզում։
— Իսկ հեծանիվ ե՞րբ կբերես,— հարցնում է։
— Կբերեմ։ Ուզո՞ւմ ես հեքիաթ պատմեմ։
Ես իմ առաջ տեսնում եմ երկու զարմացած աչք, որովհետև դեռ երբեք իմ ցանկությամբ նրա համար հեքիաթ չեմ պատմել։ Ու ես սկսում եմ իմ հեքիաթը, որն այս անգամ ուրախ է ստացվում։ Ես պատմում եմ, թե ինչպես ուլիկը կորցնում է մորը, բայց գազաններից ոչ մեկը նրան չի ուտում. գայլը ճանապարհն է ցույց տալիս, առյուծը խոտ է քաղում նրա համար, իսկ երբ հոգնում է, վագրը մեջքին դրած տանում է նրան։ Որդիս լսում է ուշադիր ու լուրջ, իսկ երբ վերջացնում եմ, ասում է.
— Վագր եմ ուզում։
Ես խոստանում եմ. վագրն ինչ է, որ այդ պահին չխոստանամ։
Իսկ կողքի սենյակում աղմուկը գնալով բարակում է։ Հետո ես լսում եմ, որ դու ձայն ես տալիս իմ որդուն։ Մի՞թե այդքան շուտ վերջացրին, իսկ ինձ թվում էր դեռ երկար կտանեն. չէ՞ որ այս երկու սենյակը մենք լցրել էինք վեց տարում։ Հետո բացվում է դուռը. շեմքին դու ես։
—Դե արի,— ասում ես երեխային,— գնում ենք։
— Ես պապայի հետ կգամ,— հետո խորամանկ նայում է ինձ,— հեքիաթը չի վերջացել։
— Ես ինքս կբերեմ,— ասում եմ ես քեզ։
— Լավ,— ասում ես դու,— շատ չուշացնես, քիչ հետո պետք է ճաշի։
Դու արագ ծածկում ես դուռը, բայց հայացքդ, որ ուզում էիր թաքցնել, տեսնում եմ։ Քեզ համար էլ հեշտ չէ, այդ զգացի նորից, մեկ անգամ էլ։ Բայց դու գնացել էիր արդեն։
Ես չեմ կարողանում սենյակում նստել, և մենք դուրս ենք գալիս պատշգամբ։ Ծաղիկներն այնտեղ են, թեպետ մի անկյուն քաշած։ Ինչո՞ւ չես տարել. ու ես հանկարծ հիշում եմ, որ հորդ բնակարանը պատշգամբ չունի։
— Դե, գնանք,— ասում եմ որդուս,— ես քեզ մեքենայով կտանեմ։
Երեխան մռայլ նայում է ինձ.
— Մեքենայով մի տանի,— ասում է։
— Դե լավ, տրոլեյբուս կնստենք։
— Չէ, գնանք տրամվայով։
— Ինչո՞ւ…
— Տրամվայով ավելի ուշ կհասնենք պապիկենց տուն։
Ծաղիկներն օրորվում են, իրիկնային քամուց են օրորվում, իսկ ինձ թվում է՝ նրանք լալիլ են իմ փոխարեն։ Ես վախենում եմ մոտենալ իմ որդուն, ես վախենում եմ, որ եթե հանկարծ նա նայի իմ աչքերին, կարող է շատ բան հասկանալ։ Ես բռնում եմ նրա ձեռքը և մենք իջնում ենք ներքև, փողոց։
Ես հիմա էլ, համարյա ամեն օր, ջրում եմ քո ծաղիկները։ Թեպետ գիտեմ, որ երբ պատշգամբ ունենաս, կտանես։ Ծաղիկները չգիտեն այդ մասին, նրանց միայն արև է պետք, և մեկը, որ ջրի։ Իսկ ինձ թվում է՝ ծաղիկներն իմ որդիներն են։ Ինձ թվում է, որ երբ մեծանան ծաղիկները, ես նրանց կարող եմ պատմել ամեն ինչ և նրանք կհասկանան։
1961 — 1969 թ.թ.
== ԾԵՐՈՒԿԸ, ՈՐ ՄՈՌԱՑԵԼ ԷՐ ՄԵՌՆԵԼ ==
Շատ տարիներ առաջ, մի երիտասարդ երկրում, որի անունը կարևոր չէ, մի քաղաքում, որի անունը նույնպես կարևոր չէ, ապրում էր ջահել մի տղա։ Չեմ ուզում տալ տղայի անունը, որովհետև անունը ծնողներն են դնում, չիմանալով, թե ինչ է դառնալու իրենց զավակը՝ փիլիսոփա, թէ՞ կոշկակար, մարդասպան, թե՞ բարոյախոս։ Նա հանկարծ էր հայտնվել քաղաքում՝ լայն բացված աչքերով, մեծ֊մեծ ականջնեով։ Առաջին օրերին քնում էր բաց երկնքի տակ կամ որևէ բարի մարդու մոտ, ավելի հաճախ՝ անտառում։ Քաղաքի բնակիչները դեռ իրենք կարգին տներ չունեին, նրանք կտրում էին մայր անտառը, մետր առ մետր նվաճելով հողը, որի վրա ապագայում պիտի սլանային ասֆալտե փողոցները, ոտքերը հողի մեջ խրեին բարձրահասակ, քարե շենքերը։ Քաղաքի տներն այդ ժամանակ փայտից էին, բայց բարի ու համարձակ էր մարդկանց սիրտը, նրանց մատները երազում էին արդարություն ու աշխատանք. և նրանք չէին հոգնում։ Ջահել տղայի ձեռքից ոչինչ չէր գալիս. նա չգիտեր փայտ կտրել, տուն սարքել, նա չգիտեր նույնիսկ կարգին երազել, աստղերին նայելով…
Բայց մի օր…
Ավելի ճիշտ՝ բայց մի գիշեր…
Ջահել տղան հանկարծ վեր թռավ քնից, տրորեց աչքերը։ Առհասարակ քնած, թե արթուն, նա շարունակ խորհրդավոր ձայներ էր լսում, տեսիլքներ, պատկերներ էին գալիս աչքերի առաջ։ Վախենում էր, գլուխը պտտվում ու աչքերը հոգնում էին լույսից։ Այս անգամ էլ զարթնեց սարսափած, տրորեց աչքերը, լարեց ականջները։ Ոչ, տեսիլք չէր. Հրդեհ էր սկսվում։ Դա բարի մի մարդու տուն էր, հենց անտառի ծայրին, մյուս տներից բավական հեռու։ Տղան մի քանի վայրկյան զարմացած նայում էր կրակին՝ դա նրա կյանքի առաջին հրդեհն էր։ Գեղեցիկ էր բոցի գալարումը։ Եվ մութն էր գեղեցիկ։ Բայց միայն այդ չէր, երևի բոլորովին էլ այդ չէր։ Ուրիշ միտք էր, որ այդ պահին խլրտաց նրա սրտում. տուն է այրվում, ուրեմն մեկ ուրիշն էլ կդառնա իր նման անտեր֊անտիրական։ Այդ միտքը մի վայրկյան տևեց։ Նա ոտքի թռավ, վազեց դեպի կրակը։ «Հրդեհ է, արթնացեք, արթնացեք»։ Հրդեհը դեռ նոր էր սկսվում, և նույնիսկ տանտերերը հանգիստ քնած էին։ Փայտը նոր էին կտրել անտառից, դեռ թաց էր, դրա համար լավ չէր վառվում։ Տղան ճչում էր, կանչում։ Գիշերվա, անտառի, երկնքի լռության մեջ՝ այդ կանչը զարհուրելի էր։ Ու լսեցին մարդիկ։ Բոլոր տներից դուրս թափվեցին, հասկացան կատարվածը, նետվեցին կրակի վրա։ Նաև քաջ էին այդ բարի, արդար մարդիկ։
Հրդեհը հանգցրին։
Առավոտյան տղան զարթնեց հերոս դարձած։ Ամենքը, իսկ ամենից առաջ փրկվածները, շնորհակալությամբ, սիրով սկսեցին փառաբանել նրան։ Հետո քաղաքի մեծահոգի հայրերը որոշեցին տղայի համար տուն կառուցել բարձր բլրի վրա, որտեղից նա կտեսնի քաղաքը՝ ինչպես շախմատի տախտակի վրա։ Ինչ իմանաս, հո վերջին հրդեհը չէ՞։ Եվ հետո, որոշեցին շեփոր առնել նրա համար, շեփորի ձայնն ավելի զիլ է, բոլորը կլսեն։
— Մեկ է, ես համարյա չեմ քնում,— ասաց տղան,— ձայներ եմ լսում… Իսկ շեփոր ես ինչպե՞ս փչեմ…
— Դա լավ է, որ լսում ես,— ասացին բարի քաղաքացիները,— իսկ փչել կսովորես։ Դա դժվար չէ, կսովորես…
Տունը կառուցեցին. ամենալավ կեչիները կտրեցին անտառից, ներկեցին ամենավառ գույներով, տանիքը ծածկեցին սպիտակ թիթեղով։
— Իմ տան պեսը չկա,— պարծենում էր տղան։
Հաճախ նստում էր լուսամուտի առաջ, փորձում նվագել։ Փչում էր ամբողջ ուժով, թոքերը շատ օդ էին տանում, շարժում էր մատները։ Բայց եղանակ չէր ստացվում։ Բարկանում էր, սև նախանձով նայում էր անտառի թռչուններին, որ երգում էին առանց երաժկշտական կրթություն ունենալու ու որպեսզի նրանց ձայնը չլսվի, փչում էր բարձր, ամբողջ ուժով։ Իսկ մի օր մտածեց. «Ասենք, ինչի՞ս է պետք նվագել, կփչեմ և վերջ»։
Երկրորդ հրդեհի զոհը քաղաքապետի տունը եղավ։ Վառվեց արշալույսին։ Այս անգամ նա զիլ փչեց շեփորը, թեպետ փոքր֊ինչ ուշացավ, որովհետև դուր էր գալիս կրակը, որի դեմ պայքարող չկա, որ այրում, մոխիր է դարձնում ամեն ինչ։
Դարձյալ տներից ելավ ամբողջ քաղաքը, հրդեհը հանգցրին։ Եվ, որովհետև տունը քաղաքապետինն էր, տղային շքանշան տվին։
Այդ օրվանից նրան կնքեցին շեփորահար անունով, իսկական անունը, որը ոչ ոք չգիտեր, մոռացան։
Անցավ չորս֊հինգ տարի, անցան էլի տարիներ։
Շեփորահարն արդեն ջահել չէր, թեպետ դարձյալ սիրում էին նրան, խոնարհվում, երբ նա շքանշանով, շեփորը ձեռքին փողոց էր դուրս գալիս։
Բայց հրդեհներ չկային։
Շեփորահարը տառապում էր անքնությունից, նա նստում էր լուսամուտի առաջ, նայում քաղաքին ու կրակ որոնում, տենդորեն հրդեհ էր որոնում։ Արդեն դժվար էր բոլոր լուսամուտները տեսնել, թեպետ նրա տունը բարձր բլրի վրա էր. քաղաքը մեծացել էր, տարածվել, անտառին քշել սարերի գագաթները։ Եվ շեփորահարը մի օր դառնությամբ մտածեց, որ եթե այլևս հրդեհ չլինի, կմոռանան իրեն՝ տունը չեն նորոգի, հագուստ չեն տա, շքանշան՝ առավել ևս։ Եվ հետո, քաղաքցիները երևի չէին մոռանում, թէ ինչպես երկու տարի առաջ, երբ թշնամիները հրով ու սրով լցվեցին քաղաք, ի զարմանս ամենքի, նա հնչեցրեց շեփորը, կարծես ողջունելով հաղթողներին։ Ճիշտ է, հետո, երբ քաղաքացիները դուրս շպրտեցին թշնամուն և քաղաք մտան, նորից զիլ հնչեց շեփորը, բայց նա անհանգիստ էր։ Բարի մարդիկ հիշաչար չեն, բայց նա գիտեր, որ ամեն ինչ մոռանում են միայն հիմարները։ Շեփորահարը տանջվում էր այս մտքերից, իսկ հրդեհներ չկային։ Քաղաքի տների մեծ մասը արդեն քարից էր, մարդիկ ավելի զգույշ էին, խելոք։
… Եվ մի գիշեր։
Չար աչքերով, լարված ականջներով նա անցնում էր փողոցից փողոց, նայում դռներին, լուսամուտներին։ Կեսգիշերը վաղուց էր անցել, բայց շատ տներում լույս կար. մարդիկ կամ ուրախանում էին, կամ խորհում, ճակատները կնճռոտել էին աշխարհի գաղտնիքների վրա կամ տխրություն ունեին։ Բայց նրան կրակ էր հարկավոր, կրակ՝ ամեն ինչ լափող, ոչնչացնող, և ամբոխ, որ իրար տրորում էր այդ կրակի ժամանակ և նողկալի ձեռքեր, որ այդ խառնաշփոթության պահին գողանում էին ուրիշի ունեցվածքը, միտքը, պատիվը։
Ոչ մի տեղ հրդեհ չկար։
Նա արդեն իր տան մոտերքում էր, երբ ուղեղի մեջ ասես լուցկի վառեցին։ Նա արագ տուն մտավ, վերցրեց նավթով լի ամանը և մոտեցավ հենց առաջին պատահած տանը։ Տունը ճոճվում էր մութի և խաղաղության մեջ, ամենքը քնած էին։ Տունը փայտից էր, չոր, շատ հին փայտից։ Երբ նա ամանի նավթը արդեն թափել էր պատշգամփի փայտերին և լուցքին վառել, նոր միայն հիշեց, թե ում տունն էր։ Մի բարի մարդու, որ հաճախ էր կերակրել իրեն, օգնել, սիրել։ Ավելի լավ, մտածեց նա, սրանից հետո, երբ հրդեհը հանգցնեն, ավելի շատ կօգնի, կսիրի…
Եվ կրակը պատշգամբից սկսեց իր մոլեգին պարը։
Շեփորահարը շտապով տուն վազեց, իր հետ տանելով դատարկ նավթամանը։ Բացեց լուսամուտը. այստեղից հրդեհը ավելի լավ էր երևում։ Կրակն արդեն մոտենում էր լուսամուտներին, արդեն տանիքն էր բռնկվել, նա լսում էր չոր փայտերի ճարճատյունը։
Եվ փչեց. ուրախ, տագնապալի, բարձր, երևի ինչ֊որ եղանակ էլ ստացվեց։ Ծերուկ Հոմերոսի օրերից սկսած ոչ ոք այդպես չէր հնչեցրել շեփորը, հաստատ։ Բոցի արնագույն լույսը հասնում էր նրա դեմքին, աչքերին, ականջներին, և նա երջանիկ էր։
Քաղաքը զարթնեց, ոչ թե զարթնեց՝ կայծակնահար վեր թռավ։
Հրդեհը, իհարկե, հանգցրին։ Բայց տանտիրոջը, նրա երկու աղջիկներին դուրս բերին արդեն այրված ու թաղեցին հաջորդ օրը։ Միայն տանտիրուհին ապրեց, թեպետ կուրացել էին աչքերը և միտքը մթագնել էր։
Եվ քաղաքը նորից սկսեց խոսել շեփորահարի մասին, մեծարել նրան, փող տալ։ Շտապ նորոգեցին նրա տանիքը, մի նոր շքանշան տվին։ Միայն թե փողոցներով սկսեցին շշուկներ սողալ, ահավոր շշուկներ։ Բոլորը սկսեցին կասկածել բոլորին, արթուն մնալ գիշերները, դռները երկաթից շինել և սրտերը՝ ավելի երկաթից։
Բայց հրդեհները սկսեցին կրկնվել։
Վառվեց նաև քարաշեն մի տուն, հետո երկրորդը։
Շեփորահարն ուրախացավ. այդ երկու տունը ինքը չէր վառել, ուրեմն, քաղաքում իր նմաններ էլի կային։ Զարմանքով, ուրախությամբ՝ ամեն անգամ նա փչում էր դեղին շեփորը և լայն բացած աչքերով տեսնում մարդկանց սարսափը, ստորությունը, թուլությունը։ Ու հաճախ, երբ նա սկսում էր փչել, մարդիկ հասկանում էին, որ ինչ֊որ տեղ, ուրեմն, վաղուց մարել է հրդեհը և մոխրացել է ամեն ինչ։ Իսկ շշուկները սողում էին՝ տնից տուն, սրտից սիրտ և ավելի երկաթակուռ էին դառնում դռները, սրտերը, մտքերը, մարդիկ վախենում էին մտածելիս, անգամ հայելուն նայելիս. թվում էր ինչ֊որ մեկը ականջ է դնում։
Տարիներն անցնում էին։
Եվ եկավ տարին, երբ մեռան շշուկները, բացվեցին դռներն ու սրտերը։ Հրդեհները վերջացան։ Քաղաքն արդեն քարաշեն էր, մարդիկ ազատ էին շշուկներից, կասկածներից, նրանք սկսեցին սովորել իրենց մտքերը բարձրաձայն ասելուն։ Լավ էր, թեպետ սկզբում՝ անսովոր։
Այդպես անցավ քսան տարի։
Եվ չեղավ այլևս ոչ մի հրդեհ։ Շեփորահարն արդեն զառամյալ էր, կլիներ վաթսուն կամ ութսուն տարեկան։ Արդեն շատերը գիտեին, որ նա էր վառել իր բարերարի տունը, որ մեռավ, որի կինն ապրում էր դեռ՝ կույր ու խելակորույս, բայց նույնիսկ դա կարծես ներել էին կամ ուզում էին մոռանալ։ Գուցե նա հարյուր տարեկան էր, ո՞վ գիտե, մահն էլ երևի թույլ էր տարիների թվաբանությունից։
Եվ մի գիշեր…
Եվ մի գիշեր նորից լսվեց շեփորի ձայնը։ Տագնապով, անցած օրերի սարսափով մարդիկ դուրս թռան տներից, որոնելով հրդերը, որ հանգցնեն, իրար օգնելով, զգույշ, մեջք մեջքի։
Բայց հրդեհ չկրա։
Իսկ ծերուճկ շեփորահարը փչում էր։ Մարդիկ իրար նայեցին ինչ֊որ բան հասկացած, հետո ուրախ ծիծաղեցին, բարձր, զարմացած, իսկ մի քանիսը գնացին դեպի շեփորահարի տուն, որը դեռ բլրի վրա էր։ Շեփորը դեռ հնչում էր խռպոտ, չոր, ու կատաղի, երբ մարդիկ ներս մտան։ Ծերուկը կանգնած էր բաց լուսամուտի առաջ՝ սպիտակ գիշերանոցով, որ պատանքի էր նման։ Նա փակել էր աչքերը, որովհետև այդպես հնարավոր էր հրդեհ հորինել, բաց աչքերը խանգարում էին։ Նա նման էր դիակի, որ միայն հինգ րոպեով դուրս էր եկել շիրմաքարի տակից. և մարդիկ գոռացին.
— Լռիր, մեռել։
Ծերուկը իրոք լռեց, փակ աչքերով նայեց մարդկանց, ձեռից ցած գցեց շեփորը, որը զնգաց ժանգոտ ու խեղճ։ Նա չտեսավ, բայց լսեց մարդկանց։ Հետո փլվեց հատակին ու մեռավ։ Երևի պարզապես մոռացել էր մեռնել։
Հիշեցրին։ Հիշեց։ Մեռավ։
Ահա բոլորը։
Իսկ աշխարհում հրդեհներ այլևս չէին լինելու։
Չէի՞ն լինելու…
1966 թ.
}}