«Տասներկու աթոռ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Ադամանդե ծուխ)
չ
 
(42 intermediate revisions by 3 users not shown)
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]
{{անավարտ}}
+
 
=Ստարգորոդի առյուծը=
 
=Ստարգորոդի առյուծը=
  
Տող 36. Տող 36.
 
«Երազ» բառը նա արտասանեց ֆրանսիական առոգանությամբ։
 
Իպոլիտ Մատվեևիչը բարձրից նայեց զոքանչին։ Նրա հասակը հասնում էր հարյուր ութսունհինգ սանտիմետրի, և այդ բարձրությունից նրա համար հեշտ ու հարմար էր որոշ արհամարանքով վերաբերվել զոքանչին։
+
Իպոլիտ Մատվեևիչը բարձրից նայեց զոքանչին։ Նրա հասակը հասնում էր հարյուր ութսունհինգ սանտիմետրի, և այդ բարձրությունից նրա համար հեշտ ու հարմար էր որոշ արհամարհանքով վերաբերվել զոքանչին։
  
Կլավդիա Իվանովնան շարունակեց․
 
Կլավդիա Իվանովնան շարունակեց․
Տող 82. Տող 82.
 
Սեղանի արկղից հանելով թաղիքե կապույտ միդնարը, Իպոլիտ Մատվեևիչը դրեց այն աթոռին, ճիշտ ուղղություն տվեց բեղերին (սեղանի գծին զուգահեռ) և նստեց մինդարին, փոքր֊ինչ բարձրանալով իր երեք ծառայակիցներից։ Իպոլիտ Մատվեևիչը չէր վախենում հեմորոյից, նա վախում էր մաշել շալվարը, ուստի և օգտվում էր կապույտ թաղիքից։
 
Սովետական ծառայողի բոլոր մանիպուլյացիաներին ամոթխած հետևում էին երկու ջահելներ՝ տղմարադ և աղջիկ։ Մեջը բամբակ դրած մահուդե պիջակով տղամարդը բոլորովին ընկճվել էր պաշտոնեական իրադրությունից, ալիզարինի թանաքի հոտից, ծանր ու հաճախակի շնչող ժամացույցից և մանավանդ «Գործդ պրծար՝ հեռացիր» խիստ պլակատից։ Պիջակավոր տղամարդը թեև իր գործը չէր էլ սկսել, բայց արդեն հեռանալ էր ուզում։ Նրան թվում էր, թե գործը, որի համար նա եկել է, այնքան չնչին է, որ ամոթ բան է դրա համար անհանգստացնել տեսքով ալեհեր այնպիսի քաղաքացուն, ինչպիսին էր Իպոլիտ Մատվեևիչը։ Իպոլիտ Մատվեևիչը ինքն էլ էր հասկանում, որ այցելուի գործը փոքր է, որ նա կհամբերի, ուստի և բացելով N2 արագակար թղթապանակը և այտը ցնցելով, խորացավ թղթերի մեջ։ Փայլուն սև երիզակարով երկար ժակետ հագած աղջիկը փսփսաց տղամարդուն և, ամոթից կարմրելով, սկսեց դանդաղ շարժվել դեպի Իպոլիտ Մատվեևիչը։
+
Սովետական ծառայողի բոլոր մանիպուլյացիաներին ամոթխած հետևում էին երկու ջահելներ՝ տղամարդ և աղջիկ։ Մեջը բամբակ դրած մահուդե պիջակով տղամարդը բոլորովին ընկճվել էր պաշտոնական իրադրությունից, ալիզարինի թանաքի հոտից, ծանր ու հաճախակի շնչող ժամացույցից և մանավանդ «Գործդ պրծար՝ հեռացիր» խիստ պլակատից։ Պիջակավոր տղամարդը թեև իր գործը չէր էլ սկսել, բայց արդեն հեռանալ էր ուզում։ Նրան թվում էր, թե գործը, որի համար նա եկել է, այնքան չնչին է, որ ամոթ բան է դրա համար անհանգստացնել տեսքով ալեհեր այնպիսի քաղաքացուն, ինչպիսին էր Իպոլիտ Մատվեևիչը։ Իպոլիտ Մատվեևիչը ինքն էլ էր հասկանում, որ այցելուի գործը փոքր է, որ նա կհամբերի, ուստի և բացելով N2 արագակար թղթապանակը և այտը ցնցելով, խորացավ թղթերի մեջ։ Փայլուն սև երիզակարով երկար ժակետ հագած աղջիկը փսփսաց տղամարդուն և, ամոթից կարմրելով, սկսեց դանդաղ շարժվել դեպի Իպոլիտ Մատվեևիչը։
  
― Ընկեր,― ասաց նա,― այստեղ որտե՞ղ են․․․
 
― Ընկեր,― ասաց նա,― այստեղ որտե՞ղ են․․․
Տող 108. Տող 108.
 
Աշխատանքային օրը մոտենում էր վախճանին։ Հարևան դեղնասպիտակ զանգակատանը զանգերը խփեցին որքան ուժ ունեին։ Ապակիները դողդողացին։ Զանգակատնից դուրս թռան սև ագռավները, միգինգեցին հրապարակի վերևում ու անհետացան։ Իրիկվա երկինքը սառցակալում էր ամայի հրապարակի վրա։
 
Իպոլիտ Մատվեևիչի տուն գնալու ժամանակն էր։ Այդ օրը բոլոր ծնվածները ծնվել և գրանցվել էին հաստ գրքերում։ Ամուսնանալ ցանկացողները ամուսնացել և նունպես գրացնվել էին հաստ գրքերում։ Եվ, ի բացահայտ տնաքանդություն դագաղագործների, մահվան ոչ մի դեպք չէր եղել։ Իպոլիտ Մատվեևիչը գործերը ծալեց, թաղիքե մինդարը թաքցրեց արկղում, սանրով փափկացրեց բեղերը և, երազելով հրաշունչ սուպի մասին, այն է պատրաստվում էր տուն գնալ, երբ գրասենյակի դուռը լայն բացվեց, շեմքի վրա հայտնվեց դագաղագործ վարպետ Բեզենչուկը։
+
Իպոլիտ Մատվեևիչի տուն գնալու ժամանակն էր։ Այդ օրը բոլոր ծնվածները ծնվել և գրանցվել էին հաստ գրքերում։ Ամուսնանալ ցանկացողները ամուսնացել և նունպես գրանցվել էին հաստ գրքերում։ Եվ, ի բացահայտ տնաքանդություն դագաղագործների, մահվան ոչ մի դեպք չէր եղել։ Իպոլիտ Մատվեևիչը գործերը ծալեց, թաղիքե մինդարը թաքցրեց արկղում, սանրով փափկացրեց բեղերը և, երազելով հրաշունչ սուպի մասին, այն է պատրաստվում էր տուն գնալ, երբ գրասենյակի դուռը լայն բացվեց, շեմքի վրա հայտնվեց դագաղագործ վարպետ Բեզենչուկը։
  
― Հարգանք թանկագին հյուրին,― ժպտաց Իպոլիտ Մատվեևիչը։― Ի՞նչ կասես։
 
Տող 148. Տող 148.
 
― Վատ է վիճակը, հենց նոր խոստովանվեց։ Մի թխկթխկացրեք սապոգներով։
 
― Ես չեմ թխկթխկացնում,― խոնարհ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը։― Իսկ ի՞նչ է պատհաել։
+
― Ես չեմ թխկթխկացնում,― խոնարհ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը։― Իսկ ի՞նչ է պատահել։
  
Տիկին Կուզնեցովան շուրթերը հավաքեց և ձեռքով ցույց տվեց երկրորդ սենյակի դուռը։
 
Տող 158. Տող 158.
 
― Բացառված չէ մահացու ելքի հնարավորությունը։ Այսօր ես ամբողջ օրը ոտքի վրա էի։ Առավոտյան մտա մսաղաց մեքենան վերցնելու, տեսնեմ դուռը բաց է, խոհանոցում ոչ ոք չկա, էս սենյակում նույնպես, կարծեցի, թե Կլավդիա Իվանովնան գնացել է ալյուր բերելու՝ կուլիչի համար։ Վերջերս նա պատրաստվում էր այդ անել։ Հիմա ալյուրը, ինքներդ գիտեք, եթե նախօրոք չգնես․․․
 
Տիկին Կուզնեցովան դեռ երկար կպատմեր ալրի, թանկության և այն մասին, թե ինչպես Կլավդիա Իվանովնային հախճասալե վառարանի մոտ գտավ պառկած միանգամայն մեռյալ վիճակում, բայց հարևան սենյակից լսվող հառաչանքը սուր կերպով հարվածեց Իպոլիտ Մատվեևիչի լսողությանը։ Նա արագ խաչակնքեց փոքր ինչ թմրած ձեռքով և անցավ զոքաննիչի սենյակը։
+
Տիկին Կուզնեցովան դեռ երկար կպատմեր ալրի, թանկության և այն մասին, թե ինչպես Կլավդիա Իվանովնային հախճասալե վառարանի մոտ գտավ պառկած միանգամայն մեռյալ վիճակում, բայց հարևան սենյակից լսվող հառաչանքը սուր կերպով հարվածեց Իպոլիտ Մատվեևիչի լսողությանը։ Նա արագ խաչակնքեց փոքր ինչ թմրած ձեռքով և անցավ զոքանչի սենյակը։
  
==Տիկին Պետուխովայի մահը==
 
==Տիկին Պետուխովայի մահը==
Տող 803. Տող 803.
 
― Դե ձեռքդ տուր, կոմանչների գավառական պարագլուխ։ Սառույցը շարժվե՛ց։ Սառույցը շարժվե՛ց, պարոնայնք երդվյալ ատանակալնե՛ր։
 
Երբ Իպոլիտ Մատվեևիչը, «կոմանչիների պարագլուխ» կոչումից նեղացած, ներողություն պահանջեց և Օստապը, ներողության ճառ արտասանելով ֆելդարշալ անվանեց նրան, նրանք անցան դեսպոզիցիայի մշակմանը։
+
Երբ Իպոլիտ Մատվեևիչը, «կոմանչիների պարագլուխ» կոչումից նեղացած, ներողություն պահանջեց և Օստապը, ներողության ճառ արտասանելով ֆելդմարշալ անվանեց նրան, նրանք անցան դեսպոզիցիայի մշակմանը։
  
Կես գիշերին դռնապան Տիխոնը, ձեռքերը գցելով ամեն մի հանդիպած ծառին ու թփին և երկար ժամանակ սյուներին թիկնելուց հետո, քարշ էր գալիս դեպի իր նկուղը։ Ի դժբախտություն նրա նորալուսին էր։
 
Տող 864. Տող 864.
  
Իսկ դռնապանը երազում տեսավ՝ ձեն փախել է ախոռից։ Մինչև առավոտ նա երազում փնտրում էր նրան, և, չգտնելով, արթնացավ ջարդված և մռայլ։ Երկար ժամանակ զարմանքով նայում էր իր անկողնում քնած մարդկանց։ Ոչինչ չհասկանալով, վերցրեց ցախավելը և գնաց փողոց իր անմիջական պարտավորությունները կատարելու՝ ձիու թրիքը հավաքելու և անկյալ պառավների վրա բղավելու։
 
==«Տիտանիկի» հետքերը==
 +
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ըստ սովորության արթնացավ ութի կեսին, դայլալեց «գուտ մորգեն» և մոտեցավ լվացարանին։ Նա լվացվում էր մեծ հաճույքով․ թքոտում էր, դժգոհում և գլուխը թափահարում որպեսզի ազատվի ականջները լցված ջրից։ Սրբվելը նույնպես հաճելի էր, բայց սրբիչը դեմքից հեռացնելուց հետո Իպոլիտ Մատվեևիչը տեսավ, որ այն կեղտոտվել է այն արմատական սև գույնով, որով երկու օր առաջ ներկվել էին նրա հորիզոնական բեղերը։ Իպոլիտ Մատվեևիչի սիրտը մարեց։ Նա նետվեց դեպի իր գրպանի հայելին։ Հայելում անդրադարձան մեծ քիթը և նոր ծլած կանաչի նմանվող ձախ բեղը։ Իպոլիտ Մատվեևիչը հայելին շտապ տեղաշարժեց։ Աջ բեղը նույն զզվելի գույնն ուներ։ Գլուխը կռացնելով, ասես ցանկանում էր հարու տալ հայելուն, թշվառականը տեսավ, որ արմատական սև գույնը դեռ տիրապետում էր գլխի կենտրոնում, բայց եզրերը նույն կանաչանման գույնով էին բոլորապատված։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի ողջ էությունը այնպիսի բարձրաձայն հառաչանք արձակեց, որ Օստապ Բենդերը բացեց աչքերը։
 +
 +
― Գժվե՛լ եք, ինչ է, ― բացականչեց Բենդերը և իսկույն փակեց քնատ կոպերը։
 +
 +
― Ընկե՛ր Բենդեր, ― աղերսական տոնով շշնջաց «Տիտնիկի» զոհը։
 +
 +
Բազում հրումներից ու հորդորանքներից հետո Օստապը զարթնեց։ Նա ուշադիր նայեց Իպոլիտ Մատվեևիչին և ուրախ֊ուրախ ծիծաղեց։ Աշխատանքների գլխավոր ղեկավարն ու տեխնիկական դիրեկտորը կոնցեսիայի դիրեկտոր֊հիմնադրից երեսը շուռ տալով ցնցվում էր, ձեռքը գցում մահճակալի մեջքին՝ «Չեմ կարող» ու դարձյալ մոլեգնում։
 +
 +
― Դա վատ է ձեր կողմից, ընկեր Բենդեր, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը սարսուռով շարժելով կանաչ բեղերը։
 +
 +
Դա նոր ուժ ներարկեց արդեն հալից ընկած Օստապին։ Մի տասը րոպե ևս տևեց նրա անկեղծ ծիծաղը։ Շունչ քաշելուց հետո նա մեկեն խիստ լրջացավ։
 +
 +
― Ի՞նչ եք ինձ վրա նայում այնպիսի չար աչքերով, ինչպես զինվորը՝ ոջլի վրա։ Դուք ձեզ վրա նայեցեք։
 +
 +
― Բայց ախր դեղագործն ինձ ասաց, թե սա արմատական սև գույն է լինելու։ Չի լվացվելու ո՛չ սառը ջրով, ո՛չ տաք, ո՛չ սապնի փրփուրով, ո՛չ նավթով․․․ Մաքսանենգ ապրանք է։
 +
 +
― Մաքսանե՞նգ։ Ողջ մաքսանենգ ապրանքը շինում են Օդեսայում, Մալո֊Առնաուտսկայա փողոցի վրա։ Ցույց տվեք սրվակը․․․ Եվ հետո նայեցեք։ Կարդացե՞լ եք սա։
 +
 +
Կարդացել եմ։
 +
 +
― Իսկ սա՞, մանր տառերով տպվածը։ Այստեղ պարզ ասված է, որ տաք ու սառը ջրով կամ սապնի փրփուրով և նավթով լվանալուց հետո բնավ չպետք է սրբվել, այլ պետք է չորացնել արևի տակ կամ պրիմուսի մոտ․․․ Ինչո՞ւ չեք չորացրել։ Այժմ ո՞ւր եք գնալու ձեր այդ կանաչ «թփերով»։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ճնշված էր։ Ներս մտավ Տիխոնը։ Տեսնելով աղային կանաչ բեղերով, նա խաչակնքվեց և փող խնդրեց խումարություից դուրս գալու համար։
 +
 +
― Մի ռուբլի տվեք աշխատանքի հերոսին, ― առաջարկեց Օստապը, ― և խնդրում եմ՝ չգրեք իմ հաշվին։ Դա ձեր ինտիմ գործն է նախկին ծառայի հետ․․․ Կա՛ց, հայրիկ, մի՛ գնա, գործ կա։
 +
 +
Օստապը դռնապանի հետ խոսք բացեց կահույքի մասին և արդեն հինգ րոպե անց կոնցեսիոներները ամեն բան գիտեին։ 1919 թվականին ամբողջ կահույքը տարել են բնակբաժին, բացի հյուրասենյակի մի աթոռից, որը սկզբում գտնվելիս է եղել Տիխոնի տնօրինության տակ, իսկ հետո նրանից վերցրել է Սոցապի 2֊րդ տան տնտեսվարը։
 +
 +
― Ուրեմն աթոռն այս տա՞նն է։
 +
 +
― Հենց էստեղ է որ կա։
 +
 +
― Իսկ ասա ինձ, բարեկամս, ― նվաղելով հարցրեց Վորոբյանինովը, ― երբ աթոռը քո մոտ էր, դու հո չե՞ս․․․ նորոգել։
 +
 +
― Էդ աթոռը նորոգելն անհնար է։ Հին ժամանակներում լա՜վ էին աշխատում։ Էդ աթոռը մի երեսուն տարի էլ կդիմանա։
 +
 +
― Դե գնա, բարեկամս, մի ռուբլի էլ վերցրու և տե՛ս՝ մի ասա, թե ես եկել եմ։
 +
 +
― Գերեզմանի պես լուռ եմ, քաղաքացի Վորոբյանինով։
 +
 +
Դռնապանին ճամփա դնելով և բղավելով՝ «Սառույցը շարժվեց», Օստապ Բենդերը նորից անդրադարձավ Իպոլիտ Մատվեևիչի բեղերին։
 +
 +
― Ստիպված ենք նորից ներկել։ Փող տվեք, գնամ դեղատուն։ Ձեր «Տիտանիկը» ոչ մի բանի պետք չէ, միայն շուն կարելի է ներկել․․․ Այ, հին օրերում ներկ կա՜ր․․․ Ձիարշավի մի պրոֆեսոր հուզիչ պատմություն է արել ինձ։ Դուք ձիարշավով հետաքրքրվե՞լ եք։ Ո՞չ։ Ափսո՜ս։ Հուզի՜չ բան է։ Այսպես, ուրեմն․․․ Կար մի նշանավոր կոմբինատոր՝ կոմս Դռուցկի։ Նա հինգ հարյուր հազար տանուլ էր տվել ձիարշավում։ Տանուլ տվողների արքա՛։ Եվ ահա, երբ նա պարտքերից բացի ուրիշ ոչինչ չուներ և արդեն մտրադրվել էր ինքնասպանություն գործել, մի ճարպիկ մարդ հիսուն ռուբլով հիանալի խորհուրդ տվեց նրան։ Կոմսը մեկնեց և մի տարուց հետո վերադարձավ երեք տարեկան օրլովյան վարգաձիով։ Դրանից հետո կոմսը ոչ միայն վերադարձրեց իր փողերը, այլ մի երեք հարյուր հազար էլ շահեց։ Նրա «Մակլեր» վարգաձին հիանալի վկայական ուներ և միշտ առաջինն էր տեղ հասնում։ Ձիարշավի ժամանակ նա մի ամբողջ մարմնով առաջ անցավ «Մակ֊Մահոնից»։ Որո՛տ ու կայծակ․․․ Բայց այստեղ Կուրոչկինը (լսե՞լ եք նրա մասին) նկատում է, որ բոլոր օրլովցիներն սկսում են գույնը փոխել, միայն «Մակլերն» է, որ ինչպես կա, գույնը չի փոխում։ Չլսվա՜ծ սկանդալ էր։ Կոմսին երեք տարի տվեցին։ Պարզվեց, որ «Մակլերը» օռլովյան ձի չէ, այլ ներկած մետիս, իսկ մետիսները շատ ավելի արագավազ են լինում օրլովցիներից, և նրանց մի վերստի վրա մոտ չեն թողնում։ Բա՜ս․․․ Այ դա ներկ ե եղել հա՜․․․ Եվ ոչ թե ձեր բեղերը․․․
 +
 +
― Հապա վկայակա՞նը։ Չէ՞ որ նա հիանալի վկայական է ունեցել։
 +
 +
― Կեղծ է եղել, ինչպես ձեր «Տիտանիկի» պիտակը։ Փող տվեք ներկի համար։
 +
 +
Օստապը վերադարձավ նոր լուծույթով։
 +
 +
― «Նայադա»։ Հավանորեն ձեր «Տիտանիկից» լավն է։ Հանեցեք պիջակը։
 +
 +
Սկսվեց ներկման արարողությունը։ Բայց «մազերին քնքշություն ու փափկություն տվող հիանալի շագանակագույնը», խառնվելով «Տիտանիկի» կանաչ գույնի հետ, Իպոլիտ Մատվեևիչի գլուխն ու բեղերը անսպասելիորեն ներկեց արևի լուսապատկերի գույներով։
 +
 +
Առավոտվանից դեռ ոչինչ չկերած Վորոբյանինովը կատաղած հայհոյում էր բոլոր պարֆյումերային գործարաններին, ինչպես պետական, այնպես էլ Օդեսայում, Մալայա֊Առնաուտսկայա փողոցի վրա գտնվող ընդհատակյա գործարաններին։
 +
 +
― Այդպիսի բեղեր, հավանորեն, Արիստիդ Բրիանն էլ չունի, ― աշխույժ նկատեց Օստապը, ― բայց խորհուրդ չի տրվում այդպիսի ուլտրամանիշակագույն մազերով ապրել Սովետական Ռուսաստանում։ Ստիպված ենք սափրել։
 +
 +
― Ես չեմ կարող, ― տխուր պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը, ― դա անհնարին է։
 +
 +
― Ինչ է, բեղերը ձեզ համար թանկ են որպես հիշատա՞կ։
 +
 +
― Չե՛մ կարող, ― կրկնեց Վորոբյանինովը, գլուխը կախելով։
 +
 +
― Այդ դեպքում դուք ձեր ամբողջ կյանքում նստելու եք դռնապանի սենյակում, իսկ ես կգնամ աթոռների ետևից։ Ի դեպ, առաջին աթոռը հենց մեր գլխավերևն է։
 +
 +
― Սափրեցե՛ք։
 +
 +
Բենդերը մկրատ ճարելով, վայրկենապես բռնեց բեղերից, և դրանք անաղմուկ թափվեցին հատակին։ Խուզելուց հետո տեխնիկական դիրեկտորը գրպանից հանեց դեղնած «Ժիլետ» ածելին, իսկ դրամապանակից՝ պահեստի լեզվակը և սկսեց սափրել գրեթե լացող Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Վերջին լեզվակը ձեզ վրա եմ բանեցնում։ Չմոռանաք իմ դեբետին գրանցել երկու ռուբլի՝ սափրելու և խուզելու համար։
 +
 +
Վշտից դողդողալով, Իպոլիտ Մատվեևիչը այնուամենայնիվ հարցրեց․
 +
 +
― Ինչո՞ւ այդպես թանկ։ Ամենուրեք քառասուն կոպեկ արժե։
 +
 +
― Գաղտնապահության համար, ընկեր ֆելդմարշալ, ― արագ պատասխանեց Բենդերը։
 +
 +
Աներևակայելի են մարդու տանջանքները, որի գլուխը սափրում են անվտանգ ածելիով։ Իպոլիտ Մատվեևիչը այդ բանը հասկացավ օպերացիայի հենց սկզբից։
 +
 +
Ինչպես ամեն բանի, այս բանի վերջն էլ եկավ։
 +
 +
― Պատրաստ է։ Նիստը շարունակվում է։ Ջղայիններին խնդրում ենք չնայել։ Այժմ դուք նման եք Բոբորիկինին՝ հայտնի կուպլետիստ֊հեղինակին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը թափ տվեց վրայից զզվելի ծվենները, որոնք մի ժամանակ գեղեցիկ ալեհեր մազեր էին, լվացվեց և, գլխի վրա ուժեղ մռմուռ զգալով, հարյուրերորդ անգամ նայեց հայելուն։ Այն, ինչ նա տեսավ, անսպասելի կերպով դուր եկավ իրեն։ Նրան նայում էր հրավեր չստացած դերասանի տանջահար, բայց բավականին ջահել դեմքը։
 +
 +
― Օնա՜նդր, հառա՛ջ, շեփորն է մեզ կանչում, ― բղավեց Օստապը։ ― Ես հետքերը գտնելու համար՝ բնակբաժին կամ ավելի ճիշտ այն տունը, ուր մի ժամանակ բնակբաժին է եղել, իսկ դուք՝ պառավների մոտ։
 +
 +
― Ես չեմ կարող, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, ― ինձ համար ծանր կլինի սեփական տուն մտնելը։
 +
 +
― Ա՜, իսկապես․․․ Հուզիչ պատմություն։ Փախստական֊տղա։ Շատ լավ։ Գնացեք բնակբաժին, իսկ այստեղ ես կաշխատեմ։ Զորահանդեսն սկսվում է․․․
 +
 +
 +
==Երկնագույն գողը==
 +
 +
 +
Ստարսոցապի 2֊րդ տան տնտեսվարը ամաչկոտ գողի մեկն էր։ Նրա ողջ էությունը բողոքում էր գողությունների դեմ, բայց ինքը չգողանալ չէր կարող։ Նա գողանում էր և ամաչում դրա համար։ Գողանում էր շարունակ, շարունակ էլ ամաչում էր, ուստի և նրա լավ սափրած այտերը միշտ այրվում էին շփոթվածության, ամոթխածության, քաշվելու և անհարմար զգալու կարմրությունից։ Տնտեսվարին կոչում էին Ալեքսանդր Յակովլևիչ, իսկ նրա կնոջը՝ Ալեքսանդրա Յակովլևնա։ Նա կնոջը կանչում էր Սաշխեն, կինը նրան՝ Ալխեն։ Աշխարհը դեռ չէր տեսել այնպիսի երկնագույն գողի, ինչպիսին Ալեքսանդր Յակովլևիչն էր։
 +
 +
Նա ոչ միայն տնտեսվար էր, այլև ընդհանրապես վարիչ։ Նախկինին հանել էին աշխատանքից՝ սանուհիների հետ կոպիտ վարվելու համար և նշանակել էին սիմֆոնիկ նվագախմբի կապելմեյստեր։ Ալխենը ոչ մի բանով չէր հիշեցնում իր անդաստիարակ պետին։ Աշխատանքային օրվա խտացման կարգով նա իր վրա վերցրեց տան կառավարչությունը և անասելի քաղաքավարությամբ էր պահում իրեն թոշակառուհիների հանդեպ, կարևոր բարենորոգումներ և նորամուծություններ անցկացնելով տան մեջ։
 +
 +
Օստապ Բենդերը քաշեց Վորոբյանինովի առանձնատան կաղնե հաստ դուռը և հայտնվեց նախասրահում։ Այստեղ խանձված խաշիլի հոտ էր փչում։ Վերի շենքերից հեռավոր «ուռա»֊ի նմանվող աններդաշնակ ձայներ էին լսվում։ Ոչ ոք չկար և ոչ ոք չէր երևում։ Դեպի վերև երկու մարշով կաղնե սանդուղք էր տանում՝ երբեմնի լաքած աստիճաններով։ Այժմ նրա մեջ ցցված էին միայն օղակներ, իսկ պնձյա ձողիկները, որոնցով մի ժամաակ գորգը սեղմում էին աստիճաններին, չկային։
 +
 +
«Կոմանչների պարագլուխը այնուամենայնիվ ապրել է գռեհիկ ճոխության մեջ», ― վերև բարձրանալիս անցավ Օստապի մտքով։
 +
 +
Հենց առաջին՝ լուսավոր և ընդարձակ սենյակում շրջան կազմած նստել էին տասնհնգի չափ սպիտակամազ պառավներ՝ ամենաէժանագին քաթանե մկնագույն հագուստներով։ Վզերը լարվածորեն երկարացնելով և նայելով կենտրոնում կանգնած ծաղկափթիթ տղամարդուն, պառավները երգում էին։
 +
 +
<poem>
 +
Հեռվից լսվում է բոժոժների ձայն,
 +
Տրոյկայի վազքն է դա ավանով․․․
 +
Իսկ հեռվում սփռված է լայն
 +
Կայծկլտող ձյունը սպիտակ սավանով․․․
 +
</poem>
 +
 +
Նույն քաթանից կարված գորշ տոլստովկայով և շալվարով երգչախմբի ղեկավարը երկու ձեռքով չափ էր տալիս և, պտույտներ գործելով բղավում․
 +
 +
― Դիսկանտնե՛ր, կամաց։ Կոկուշկի՛նա, մեղմ։
 +
 +
Նա տեսավ Օստապին, բայց իր ձեռքերի շարժումը զսպել չկարողանալով, անբարյացակամորեն  նայեց ներս մտնողին և շարունակեց դիրիժյորությունը։ Երգչախումբը լարված թնդացրեց, ասես բարձի միջից․
 +
 +
<poem>
 +
Տա֊տա֊տա, տա֊տա֊տա, տա֊տա֊տա,
 +
Տո֊րո֊րոմ, տու֊րու֊րու֊րում, տու֊րու֊րում․․․
 +
</poem>
 +
 +
― Ասացե՛ք, որտե՞ղ կարելի է տեսնել ընկեր տնտեսվարին, ― արտասանեց Օստապը, ներխուժելով հենց առաջին պաուզայի մեջ։
 +
 +
― Իսկ ի՞նչ կա ընկեր։
 +
 +
Օստապը ձեռքը մեկնեց դիրիժյորին և մտերմաբար հարցրեց․
 +
 +
― Ժողովուրդների երգե՞ր։ Շա՜տ հետաքրքիր է։ Ես հրշեջ պահպանության տեսուչ եմ։
 +
 +
Տնտեսվարը ամաչեց։
 +
 +
― Հա, հա, ― ասաց նա ամհարմար զգալով, ― շատ տեղին եք եկել։ Ես նույնիսկ պատրաստվում էի զեկուցագիր գրել։
 +
 +
― Անհանգստանալու հարկ չկա, ― մեծահոգաբար հայտարարեց Օստապը, ― ես ինքս կգրեմ զեկուցագիրը։ Դե, եկեք շենքը նայենք։
 +
 +
Ալխենը ձեռքի մի շարժումով ցրեց խումբը, և պառավները մանր, ուրախ քայլերով հեռացան։
 +
 +
― Համեցեք իմ ետևից, ― հրավիրեց տնտեսվարը։
 +
 +
Նախքան առաջ անցնելը, Օստապը աչքերը հառեց առաջին սենյակի կահույքին։ Սենյակում կային սեղան, երկաթյա ոտքերով երկու պարտեզի նստարան (նրանցից մեկի մեջքին փորագրված էր «Կոլյա» անունը) և մի կարմրագորշ ֆիսհարմոնիա։
 +
 +
― Այս սենյակում հո պրիմուս չե՞ն վառում։ Ժամանակավոր վառարաններ և նման բաներ։
 +
 +
― Ոչ, ոչ։ Այստեղ մեզ մոտ պարապում են խմբակները՝ երգի, դրամատիկական, նկարչական և երաժշտական․․․
 +
 +
Հասնելով «երաժշտական» բառին, Ալեքսանդր Յակովլևիչը կարմրեց։ Սկզբում բոցավառվեց կզակը, ապա ճակատն ու այտերը։ Ալխենը շատ էր ամաչում։ Նա վաղուց արդեն ծախել էր փողային կապելլաայի գործիքները։ Պառավների թույլ թոքերը, միևնույն է, նրանցից միայն լակոտների վնգվնգոց էին հանում։ Ծիծաղելի էր այդպես անճարակ վիճակում տեսնել մետաղի այդ կույտը։ Ալխենը չէր կարող չգողանալ կապելլան։ Եվ հիմա նա սաստիկ ամաչում էր։
 +
 +
Պատին, պատուհանից պատուհան, կախված էր լոզունգ՝ մկնագույն քաթանի վրա սպիտակ տառերով գրված․
 +
 +
«Փողային նվագախումբը կոլեկտիվ ստեղծագործության ուղին է»։
 +
 +
― Շատ լավ է, ― ասաց Օստապը, ― խմբակային պարապմունքների սենյակը հրդեհի տեսակետից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Անցնենք առաջ։
 +
 +
Վորոբյանինովի առանձնատան ճակատային սենյակները արագ քայլքով անցնելիս, Օստապը ոչ մի տեղ անգլիական ծաղկավոր չթով պաստառած, ճկած ոտքերով կաղնե աթոռ չտեսավ։ Մարմարյա հարթ պատերին փակցված էին Ստարսոցապի N2 տան հրամանները։ Օստապը կարդում էր դրանք և մերթ ընդ մերթ եռանդուն հարցնում․ «Ծխնելույզները կանոնավոր մաքրվո՞ւմ են։ Վառարանները կարգի՞ն վիճակումն են»։ Եվ սպառիչ պատասխաններ ստանալուց հետո առաջ էր շարժվում։
 +
 +
Հրշեջ պաշտպանության տեսուչը տան մեջ փութեռանդորեն փնտրում էր թեկուզ մի անկյուն, որը հրդեհի տեսակետից վտանգ ներկայացներ, բայց այդ տեսակետից ամեն ինչ բարեհաջող էր։ Այստեղ որոնումներն անհաջող էին։ Օստապը մտավ ննջարանները։ Պառավները նրա հայտնվելուն պես վեր էին կենում ու խոնարհ գլուխ տալիս։ Այստեղ դրված էին մահիճներ՝ վրաները շան մորթու պես խավոտ վերմակներ փռած, որոնց մի կողմում գործարանային եղանակով գործված էր «Ոտքեր» բառը։ Մահճակալների տակ դրված էին սնդուկներ, որոնք գործի զինվորական դրվածքի սիրահար Ալեքսանդր Յակովլևիչի նախաձեռնությամբ ուղիղ մեկ երրորդով դուրս էին քաշված։
 +
 +
N2 տանը ամեն բան աչքի էր ընկնում իր արտակարգ համեստությամբ․ և՛ կահավորումը, որ բաղկացած էր Ալեքսանդրյան, այժմ Պրոլետարական շաբաթօրյակների անվան, բուլվաից բերած նստարաններից, և՛ շուկայի նավթի լամպերը, և՛ հենց վախեցնող «Ոտքեր» խոսքով վերմակները։ Բայց տանը մի բան արված էր պինդ ու շքեղորեն․ դրանք դռների զսպանակներն էին։
 +
 +
Դռան սարքերը Ալեքսանդր Յակովլևիչի մոլությունն էին։ Մեծ ջանքեր գործադրելով, նա բոլոր դռները հանդերձեց ամենատարբեր սիստեմների և ձևերի զսպանակներով։ Այստեղ կային երկաթձողի նմանվող ամենահասարակ զսպանակներ։ Կային պղնձե գլանաձև պոմպերով փողային զսպանակներ։ Բլոկների վրա կային սարքեր, որոնցից մանրագնդակի ծանրակշիռ պարկեր էին կախված։ Կային նաև այնպիսի բարդ կոնստրուկցիայի զսպանակներ, որ սոցապի փականագործը զարմանքից միայն գլուխն էր օրորում։ Բոլոր գլանները, զսպանակները և հակակշիռները հզոր ուժ ունեին։ Դռներն այնպես սրընթաց էին շրխկում, ինչպես մկան թակարդի դուռը։ Մեխանիզմների աշխատանքից ողջ տունը ցնցվում էր։ Պառավները տխուր ծվծվոցով ազատվում էին իրենց վրա հարձակվող դռներից, բայց միշտ չէր հաջողվում փախչել։ Դռները հասնում էին փախստականուհիների ետևից և հրում նրանց մեջքին, իսկ վերևից խուլ կռկռոցով արդեն ինջնում էր հակակշիռը, հրետագնդի պես անցնելով քունքի կողքով։
 +
 +
Երբ Բենդերն ու տնտեսվարը անցնում էին տան միջով, դռները ահավոր հարվածներով սալյուտում էին նրանց։
 +
 +
Այս ամրոցային հայակապության ետևում ոչինչ չկար թաքցրած՝ աթոռը չկար։ Հրդեհի վտանգ գտնելու նկատառումներով տեսուչն ընկավ խոհանոց։ Այնտեղ սպիտակեղենի մեծ կաթսայի մեջ խաշիլ էր եփվում, որի հոտը մեծ կոմբինատորը առել էր դեռ նախասրահում։ Օստապը քիթը ոլորեց և ասաց․
 +
 +
― Այդ ինչ է, մեքենայի յուղո՞վ եք եփում։
 +
 +
― Աստված վկա, մաքուր կարագով, ― ասաց Ալխենը, արտասվելու աստիճանի կարմրելով։ Ֆերմայից ենք գնում։
 +
 +
Նա սաստիկ ամաչում էր։
 +
 +
― Ասենք դա հրդեհի վտանգ չի ներկայացնում, ― նկատեց Օստապը։
 +
 +
Աթոռը խոհանոցում չէր։ Կար միայն մի տաբուրետ, որի վրա նստել էր գոգնոցով և քաթանե թասակով խոհարարը։
 +
 +
― Ինչո՞ւ ձեր բոլորի հանդերձանքը մոխրագույն է, նույնիսկ մարմաշե վարագույրն այնպիսին է, որ նրանով միայն կարելի է պատուհան մաքրել։
 +
 +
Ամաչկոտ Ալխենը գլուխն ավելի կախեց։
 +
 +
― Վարկեր բաց են թողնում անբավարար քանակությամբ։
 +
 +
Նա ինքն իրենից զզվում էր։
 +
 +
Օստապը կասկածանքով նայեց նրան և ասաց․
 +
 +
― Դա չի վերաբերում հրշեջ պահպանությանը, որը ես այժմ ներկայացնում եմ։
 +
 +
Ալխենը վախեցավ։
 +
 +
― Հրդեհի դեմ, ― հայտարարեց նա, ― մենք բոլոր միջոցները ձեռք ենք առել։ Կա նույնիսկ փրփուրամուղ֊կրակմարիչ «Էկլեր»։
 +
 +
Տեսուչը, որն անցնելիս աչքի էր անցկացնում նկուղները, անհավես մոտեցավ կրակմարիչին։ Թիթեղյա կարմիր կոնը թեև տան մեջ միակ առարկան էր, որ առնչություն ուներ հրշեջ պահպանության հետ, առանձնապես ջղայնացրեց տեսուչին։
 +
 +
― Սև շուկայո՞ւմ եք գնել։
 +
 +
Եվ, չսպասելով ասես շանթահար եղած Ակեքսանդր Յակովլևիչի պատասխանին, «Էկլերը» հանեց ժանգոտած մեխից, առանց նախազգուշացնելու ջարդեց կապսուլը և կոնը արագ շուռ տվեց գլխիվայր։ Բայց սպասելիք փրփուրաշիթի փոխարեն կոնը իրենից դուրս նետեց բարակ մի ֆֆշոց, որը հիշեցնում էր «Փառք ի բարձրունս» հինավուրց մեղեդին։
 +
 +
― Իհարկե, սև շուկայում, ― պնդեց Օստապն իր նախնական կարծիքը և երգել շարունակող կրակմարիչը կախեց իր նախկին տեղը։
 +
 +
Ֆշշոցի նվագակցությամբ նրանք առաջ անցան։
 +
 +
«Որտե՞ղ կարող է լինել, ― մտածում էր Օստապը։ ― Այս բանն սկսում է ինձ դուր չգալ»։ Եվ նա որոշեց չլքել քաթանե ապարանքը, մինչև ամեն բան չիմանա։
 +
 +
Մինչդեռ տեսուչն ու տնտեսվարը մագլցում էին չարդախները, մտնում հակահրդեհային պահպանության ծխնելույզների դասավորության մանրուքների մեջ, Ստարսոցապի N2 տունը ապրում էր իր առօրյա կյանքով։
 +
 +
Ճաշը պատրաստ էր։ Խանձրահամ խաշիլի հոտը զգալիորեն ուժեղացավ և հաղթահարեց տան եղած բոլոր մյուս թթու հոտերը։ Միջանցքում խշխշոց լսվեց։ Պառավները, երկու ձեռքով առջևում պահած խաշիլով լի պնակներ, զգուշորեն դուրս էին գալիս խոհանոցից և նստում ճաշելու ընդհանուր սեղանի շուրջը, ջանալով չնայել ճաշարանում կախ տված լոզունգներին, որոնք անձամբ հեղինակել էր Ալեքսնդրա Յակովլևան։ Լոզունգները այսպիսին էին․
 +
 +
:::<b>«Սնունդը առողջության աղբյուրն է»</b>
 +
:::<b>«Մի ձուն իր մեջ այնքան ճարպ է պարունակում, որքան կես ֆունտ միսը»։</b>
 +
:::<b>«Կերակուրը լավ ծամելով, դու օգնում ես հասարակությանը»։ և</b>
 +
:::<b>«Միսը վնասակար է»։</b>
 +
 +
Բոլոր այդ սրբազան խոսքերը պառավների մեջ հիշողություններ էին արթնացնում դեռ մինչև հեղափոխությունը անհետացած ատամների մասին, մոտավորապես նույն օրերին կորած ձվի մասին, մսի մասին, որը ճարպերի իմաստով զիջում է ձվերին, գուցե և հասարակության մասին, որին, կերակուրը լավ ծամելով, օգնելու հնարավորությունից զրկվել էին։
 +
 +
Պառավներից բացի, սեղանի շուրջը նստել էին Իսիդոր Յակովլևիչը, Կիրիլ Յակովլևիչը, Օլեգ Յակովլևիչը և Պաշա Էմիլևիչը։ Այդ երիտասարդները ոչ տարիքով, ոչ սեռով չէին ներդաշնակում սոցիալական ապահովության խնդիրների հետ, բայց թե չորս Յակովլևիչները Ալխենի պատանի եղբայրներն էին, իսկ Պաշա Էմիլևիչը Ալեքսանդրա Յակովլևնայի հեռավոր ազգականը։ Երիտասարդները, որոնցից ամենամեծը 32 տարեկան Պաշա Էմիլևիչն էր, սոցապի տանն իրենց ապրելը որևէ կերպ աննորմալ չէին համարում։ Նրանք այդ տանը ապրում էին պառավների իրավունքով, նրանք ևս ունեին պետական անկողիններ՝ վերմակներով, որոնց վրա գրված էր «Ոտքեր», պառավների պես նրանք էլ հագել էին մկնագույն քաթանե հագուստ, բայց ջահելության և ուժի շնորհիվ նրանք սանուհիներից լավ էին սնվում։ Նրանք տան մեջ գողանում էին այն ամենը, ինչ չէր հասցնում գողանալ Ալխենը։ Պաշա Էմիլևիչը մի նստելում կարող էր խժռել երկու կիլո մանր ձուկ, մի բան, որ նա մի անգամ արավ, ամբողջ տունը առանց ճաշի թողնելով։
 +
 +
Պառավները դեռ իրենց խաշիլի համը կարգին չէին տեսել, երբ Յակովլևիչները էմիլևիչի հետ իրենց բաժինները կուլ տալով և զկռտալով վեր կացան սեղանից և գնացին խոհանոց որևէ դյուրամարս բան գտնելու։
 +
 +
Ճաշը շարունակվում էր։ Պառավները ղժղժալ սկսեցին․
 +
 +
― Հիմա կուշտ կխժռեն, կսկսեն երգեր գոռգոռալ։
 +
 +
― Իսկ Պաշա Էմիլևիչն այսօր առավոտ կարմիր անկյան աթոռը ծախեց։ Դուրս տարավ ետևի դռնից ու տվեց գնորդին։
 +
 +
― Կտեսնեք, էսօր հարբած տուն կգա․․․
 +
 +
Այդ րոպեին սանուհիները խոսակցությունը ընդհատվեց ահեղադղորդ մի խնչոցով, որը խլացրեց նույնիսկ կրակմարիչի դեռ շարունակվող երգը, և կովի ձայնը սկսեց․
 +
 +
― ․․․ արարություն․․․
 +
 +
Պառավները, կռանալով և չնայելով անկյունում, լվացված պարկետի վրա դրած բարձրախոսին, շարունակում էին ուտել, հուսալով, որ իրենց կողքով կանցնի այդ դառը բաժակը։ Բայց բարձրախոսը աշխույժ շարունակեց․
 +
 +
― Եվոկռռախխխ․․․ վիդուսոո․․․ արժեքավոր գյուտարարություն։ Մուրմանսկի երկաթուղու ուղեգծի վարպետ ընկեր Սոկուցկին, ― Սամարա, Օրյոլ, Կլեոպատրա, Ուստինյա, Ցարիցին, Կլեմենտի, Իֆիգենյա, ― Սոկուցկի․․․
 +
 +
Փողը խռխռոցով օդ ներս քաշեց և հարբուխային ձայնով վերսկեց հաղորդումը․
 +
 +
․․․ Հնարել է լուսային ազդանշանում ձյունամաքրիչ մեքենաների վրա։ Գյուտը արժանացել է Դոռիզուլի հավանությանը, ― Դարյա, Օնեգա, Ռայմոնդ․․․
 +
 +
Պառավները մոխրագույն բադերի պես օրոր֊շորոր գնացին իրենց սենյակները։ Փողը, սեփական հզորությունից վեր֊վեր թռչելով, շարունակում էր մոլեգնել դատարկ սենյակում․
 +
 +
․․․ ―Իսկ հիմա լսեցեք Նովգորոդյան չաստուշկաներ․․․
 +
 +
Հեռու֊հեռու, երկրագնդի բուն կենտրոնում, ինչ֊որ մեկը զարկեց բալալայկայի լարերին, և սևահող Բատիստինին երգեց․
 +
 +
<poem>
 +
Փայտոջիլները պատի վրա,
 +
Արևի տակ նստեցին։
 +
Հենց որ տեսան ֆինտեսչին,
 +
Ձեռաց ընկան սատկեցին․․․
 +
</poem>
 +
 +
Երկրագնդի կենտրոնում այդ չաստուշկաները բուռն գործունեություն առաջացրին։ Փողի մեջ սարսափելի շառաչ լսվեց։ Դրանք կամ որոտընդոստ ծափահարություն էին, կամ աշխատել սկսեցին ստորերկրյա հրաբուխները։
 +
 +
Մինչ այդ հրշեջ պահպանության մռայլադեմ տեսուչը ետ֊ետ գնալով իջնում էր չարդախի սանդուղքով և նորից հայտնվելով խոհանոցում, տեսավ հինգ քաղաքացիների, որոնք ուղղակի ձեռքերով փորում էին տակառի թթու կաղամբը և խժռում։ Ուտում էին լուռ ու մունջ։ Միայն Պաշա Էմիլևիչը գուրմանավարի օրորում էր գլուխը և, բեղերի միջից հանելով կաղամբի ջրիմուռները, դժվարությամբ ասում էր․
 +
 +
― Էսպիսի կաղամբը մեղք  բան է առանց օղու ուտել։
 +
 +
― Պառավների նոր խո՞ւմբ է, ― հարցրեց Օստապը։
 +
 +
― Դրանք որբեր են, ― պատասխանեց Ալխենը, ուսով դուրս հրելով տեսչին խոհանոցից և տակևանց բռունցք թափ տալով որբերին։
 +
 +
― Պովոլժյեից բերված երեխանե՞ր։
 +
 +
Ալխենը շվարեց։
 +
 +
― Ցարական ռեժիմի ծանր ժառանգությո՞ւն։
 +
 +
Ալխենը ձեռքերը տարածեց․ իբր՝ ոչինչ անել չես կարող, քանի որ այդպիսի ժառանգություն է մնացել։
 +
 +
― Կոմպլեքս մեթոդով երկու սեռերի համատեղ դաստիարակությո՞ւն։
 +
 +
Ամոթխած Ալեքսանդր Յակովլևիչը տեղնուտեղը, առանց հապաղելու, հրշեջ տեսչին հրավիրեց ճաշել՝ աստծու տվածով․
 +
 +
Այդ օրն աստված Ալեքսանդր Յակովլևիչի ճաշին ուղարկել էր մի շիշ զուբրովկա֊օղի, տանու սունկ, սելյոդկայից ֆորշմակ, ուկրաինական մսով բորշ՝ առաջին տեսակի, բրնձով հավ և չորացրած խնձորի կոմպոտ։
 +
 +
― Սաշխեն, ― ասաց Ալեքսանդր Յակովլևիչը, ― ծանոթացիր գուբպաժարի ընկերոջ հետ։
 +
 +
Օստապը արտիստիկ կերպով խոնարհ գլուխ տվեց տանտիրուհուն և այնպիսի երկար ու երկիմաստ մի կոմպլիմենտ ասաց նրան, որ չկարողացավ նույնիսկ մինչև վերջը հասցնել։ Սաշխենը, բարձրահասակ այդ դաման, որի սիրունատեսությունը փոքր֊ինչ այլանդակվել էր նիկոլաևյան կիսաբակենբարդներով, կամացուկ ծիծաղեց և տղամարդկանց հետ խմեց։
 +
 +
― Խմում եմ ձեր կոմունալ տնտեսության կենացը, ― բացականչեց Օստապը։
 +
 +
Ճաշն անցավ ուրախ, և միայն կոմպոտ ուտելիս Օստապը հիշեց իր այցելության նպատակի մասին։
 +
 +
― Ինչի՞ց է, հարցրեց նա, ― որ ձեր կեֆիրային հաստատությունը այսպիսի խղճուկ ինվենտար ունի։
 +
 +
― Ո՜նց թե, ― իրար անցավ Ալխենը, ― բա ֆիսհարմո՞նիան։
 +
 +
― Գիտեմ, գիտեմ, վոկս գումանում։ Բայց բացարձակապես չկա մի ճաշակով բան, որ վրան նստես։ Այգու անպետք նստարաններ են միայն։
 +
 +
― Կարմիր անկյունում մի աթոռ կա, ― նեղացավ Ալխենը, ― անգլիական աթոռ։ Ասում են, դեռ հին կահավորումից է մնացել։
 +
 +
― Իսկ ես, ի դեպ, չեմ տեսել ձեր կարմիր անկյունը։ Ի՞նչ վիճակումն է նա՝ հրշեջ պահպանության իմաստով։ Հո մեզ չի՞ խաբի։ Ստիպված եմ նայել։
 +
 +
― Հաճեցեք խնդրեմ։
 +
 +
Կարմիր անկյունում պրիմուս չէին վառում, ժամանակավոր վառարաններ չկային, ծխնելույզները սարքին էին և կանոնավոր կերպով մաքրվում էին, բայց ի մեծ զարմանս Ալխենի՝ աթոռը չկար։ Դեսուդեն ընկան աթոռը գտնելու։ Նայեցին մահճակալի և նստարանի տակ, տեղից չգիտես ինչու շարժեցին ֆիսհարմոնիան, հարց ու փորձ արին պառավներին, որոնք վախվխելով նայում էին Պաշա Էմիլևիչին, բայց և այնպես աթոռը չգտան։ Պաշա Էմիլևիչը մեծ եռանդ դրսևորեց աթոռը որոնելիս։ Բոլորն արդեն հանգստացել էին, իսկ Պաշա Էմիլևիչը դեռ շարունակում էր թափառել սենյակներում, նայում էր ջրամանների տակ, դեսուդեն էր շարժում թեյի թիթեղյա գավաթները և փնթփնթում․
 +
 +
― Ո՞ւր կարող է կորել։ Այսօր կար, ես ինքս իմ սեփական աչքերով եմ տեսել։ Ծիծաղելի է նույնիսկ։
 +
 +
― Տխուր է, աղջիկներ, ― սառը ձայնով ասաց Օստապը։
 +
 +
― Սա պարզապես ծիծաղելի է, ― լրբաբար կրկնում էր Պաշա Էմիլևիչը։
 +
 +
Բայց այդ պահին շարունակ երգող «Էկլեր» փրփուրամուղ֊կրակմարիչը վերցրեց ամենաբարձր ֆան, որին ընդունակ է միայն ռեսպուբլիկայի ժողովրդական արտիստուհի Նեժդանովան, մի վայրկյան լռեց և ճիչ աղմուկով բաց թողեց փրփուրի առաջին ցայտը, որը ողողեց առաստաղը և խոհարարի գլխից թռցրեց քաթանե թասակը։ Առաջին ցայտից հետո փրփուրամուղ֊կրակմարիչը բաց թողեց երկրորդ մկնագույն ցայտը, որը գետին տապալեց անչափահաս Իսիդոր Յակովլևիչին։ Դրանից հետո «Էկլերը» սկսեց անխափան աշխատել։
 +
 +
Պատահարի վայրը նետվեցին Պաշա Էմիլևիչը, Ալխենը և անվնաս մնացած մյուս Յակովլևիչները։
 +
 +
― Մաքո՛ւր աշխատանք, ― ասաց Օստապը։ ― Ախմա՛խ հնարանք։
 +
 +
Օստապի հետ մենակ՝ առանց պետերի մնացած պառավներն անմիջպես սկսեցին հայտնել իրենց դժգոհությունները․
 +
 +
― Աղբեր֊տղերքին տեղավորել է տանը։ Լափում են։
 +
 +
― Խոճկորներին կաթով է կերակրում, իսկ մեզ խաշիլ է դեմ անում։
 +
 +
― Ինչ կար֊չկար, տանից դուրս տարավ։
 +
 +
― Հանգիստ, աղջկերք, ― ասաց Օստապը, ետ քաշվելով, ― դրա համար ձեզ մոտ կգան աշխատանքի տեսչությունից։ Սենտան ինձ չի լիազորել։
 +
 +
Պառավները չէին լսում։
 +
 +
― Իսկ էն Պաշա Մելենտևիչը աթոռն էսօր տարավ ու ծախեց։ Ինքս տեսա։
 +
 +
― Ո՞ւմ, ― բղավեց Օստապը։
 +
 +
― Ծախեց՝ ու վերջ։ Ուզում էր իմ վերմակը ծախել։
 +
 +
Միջանցքում կատաղի պայքար էր գնում կրակմարիչի դեմ։ Մարդկային հանճարը վերջապես հաղթեց, և փրփրամուղը, Պաշա Էմիլևիչի երկաթյա ոտքերով ճխլտված, բաց թողեց վերջին ճլորած ցայտը և ընդմիշտ լռեց։
 +
 +
Պառավներին ուղարկեցին հատակը լվալու։ Հրշեջ պահպանության տեսուչը գլուխը կախեց և, ոտքերը թեթևակի օրորելով, մոտեցավ Պաշա Էմիլևիչին։
 +
 +
― Իմ ծանոթներից մեկը, ― ասաց Օստապը ծանրակշիռ կերպով, ― նույնպես պետական կահույք էր ծախել։ Հիմա նա վանական է գրվել ու նստած է կալանատանը։
 +
 +
― Ձեր այդ անհիմն մեղադրանքները տարօրինակ են թվում ինձ, ― նկատեց Պաշա Էմիլևիչը, որից շատ թունդ փրփուրի հոտ էր գալիս։
 +
 +
― Ո՞ւմն ես ծախել աթոռը, ― հարցրեց Օստապը զրնգուն շշնջոցով։
 +
 +
Այստեղ գերբնական հոտառության տեր Պաշա Էմիլևիչը հասկացավ, որ հիմա իրեն ծեծելու են և կարող է պատահել նույնիսկ ոտքերով։
 +
 +
― Առնող֊ծախողին, ― պատասխանեց նա։
 +
 +
― Հասցե՞ն։
 +
 +
― Ես նրան առաջին անգամ էի տեսնում։
 +
 +
― Առաջին անգա՞մ։
 +
 +
― Աստված վկա։
 +
 +
― Քիթումռութդ մի լա՜վ կջարդեի, ― բաղձանքով ասաց Օստապը, ― միայն թե Զրադաշտը թույլ չի տալիս։ Դե, կորի՛ր գրողի ծոցը։
 +
 +
Պաշա Էմիլևիչը քծնողաբար ժպտաց և սկսեց ետ֊ետ գնալ։
 +
 +
― Էյ, դո՛ւ, աբորտի զոհ, ― բարձրաձայն ասաց Օստապը, ― պարաններդ արձակիր ու մի քաշվիր։ Առնող֊ծախողը թխահե՞ր էր, թե շիկահեր։
 +
 +
Պաշա Էմիլևիչը մանրամասն բացատրել սկսեց։ Օստապն ուշադիր լսեց նրան և ինտերվյուն վերջացրեց այս խոսքերով։
 +
 +
― Այդ, հարկավ, հրշեջ պահպանությանը չի վերաբերում։
 +
 +
Միջանցքում հեռացող Բենդերին մոտեցավ ամոթխած Ալխենը և տվեց նրան մի չերվոնեց։
 +
 +
― Քրեական օրենսգրքի հարյուրտասնչորսերորդ հոդվածն է սա, ― ասաց Օստապը, ― պաշտոնական անձին կաշառք տալ՝ ծառայության պարտականությունները կատարելիս։
 +
 +
Բայց փողը վերցրեց և, հրաժեշտ չտալով Ալեքսանդր Յակովլևիչին, քայլերն ուղղեց դեպի ելքը։ Հզոր սարքով հանդեձված դուռը զոռով բացվեց և մեկուկես տոննանոց մի հարված հասցրեց Օստապի հետույքին։
 +
 +
― Հարվածը տեղի ունեցավ, ― ասաց Օստապը, քորելով վնասված տեղը, ― նիստը շարունակվում է։
 +
 +
 +
==Ո՞ւր են ձեր խոպոպիկները==
 +
 +
 +
Մինչդեռ Օստապը զննում էր Ստարսոցապի 2-րդ տունը, Իպոլիտ Մատվեևիչը, դուրս գալով դռնապանի սենյակից և ցրտություն զգալով սափրած գլխում, շարժվեց հայրենի քաղաքի փողոցներով։
 +
 +
Սալարկի վրայով հոսում էին գարնանային վճիտ ջրերը։ Կտուրներից ընկնող ադամանդյա կաթիլներից անընդհատ ճթճթոց և չխչխկոց էր լսվում։ Ճնճղուկներն ընկել էին գոմաղբի ետևից։ Արևը նստել էր բոլոր տանիքների վրա։ Ոսկե բիտյուգներն իրենց սմաբկներով դիտմամբ բարձրաձայն շրխակցնում էին մերկ սալարկին, և, ականջները կախ գցած, հաճույքով ունկդրում էին սեփական թխկթխկոցին։ Խոնավ հեռագրասյուների վրա կուչ էին եկել ճապաղված տառերով թաց հայտարարություններ․ «Սովորեցնում եմ կիթառի վրա նվագել թվական սիստեմով» և «Հասարակագիտության դասեր եմ տալիս ժողովրդական կոնսերվատորիա ընդունվողներին»։ Ձմեռային սաղավարտներով կարմիրբանակայինների մի դասակ անցավ ջրափոսը, որ սկսվում էր Ստարկոոպի խանութից և ձգվում ընդհուպ մինչև գուբպլանի շենքը, որի ֆրոնտոնը պսակված էր գիպսե վագրերով, հաղթանակներով և ակնոցավոր օձերով։
 +
 +
Իպոլիտ Մատվևիչը քայլում էր, հետաքրքրությամբ դիտելով բոլոր անցորդներին։ Նա, որ իր ամբողջ կյանքն ապրել էր Ռուսաստանում, ապրել էր հեղափոխությունը, տեսել էր, թե ինչպես է բեկվում, վերաշրջվում և փոփոխվում կենցաղը։ Նա ընտելացել էր դրան, բայց պարզվեց, որ ընտելացել էր երկրագնդի միայն մի կետում՝ գավառական քաղաքում։ Գալով իր հայրենի քաղաքը, նա տեսավ,  որ ոչինչ չի հասկանում։ Նրա համար անհարմար էր ու տարօրինակ, ասես հիրավի էմիգրանտ լիներ և հենց նոր ժամանած Փարիզից։ Առաջներում, կառք նստած քաղաքի միջով անցնելիս, նա անպայման հանդիպում էր ծանոթների և դեմքով ճանանչ մարդկանց։ Այժմ նա Լենայի դեպքերի փողոցով անցել է արդեն չորս արվարձան, բայց ծանոթ չի հանդիպել։ Նրանք չքացել են կամ միգուցե այնքան են ծերացել, որ նրանց ճանաչել չի լինի, կամ գուցե անճանաչելի են դարձել, որովհետև ուրիշ հագուստ են հագնում, ուրիշ շլյապաներ են ծածկում։ Գուցե փոխել են և քայլվածքը։ Համենայն դեպս, նրանք չկային։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը քայլում էր գունատ, սառը, գլուխը կորցրած։ Նա բոլորովին մոռացել էր, որ պետք է փնտրի֊գտնի բնակբաժինը։ Նա մայթից մայթ էր անցնում, թեքվում էր նրբանցքները, որտեղ սանձարձակ բիտյուգներն արդեն բոլորովին դիտմամբ դոփում էին սմբուկներով։ Նրբանցքներում ավելի շատ ձմեռ կար և տեղ֊տեղ նեխած սառույց էր հանդիպում։ Կապույտ տները դարձել էին կանաչ, դեղինները՝ մոխրագույն, դիտանոցից անհետացել էին ռումբերը, բայց նրա վրա այլևս հրշեջ ման չէր գալիս, իսկ փողոցները ավելի աղմկալի էին, քան այդ հիշում էր Իպոլիտ Մատվևիչը։
 +
 +
Մեծ Պուշկինյան փողոցում Իպոլիտ Մատվեևիչին զարմացրին Ստարգորոդում բնավ չտեսնված ռելսեր և տրամվայի սյուներ՝ լարերով։ Իպոլիտ Մատվեևիչը թերթ չէր կարդում և չգիտեր, որ մայիսի մեկին Ստարգորոդում պատրաստվում են բացել տրամվայի երկու գիծ՝ Կայարանային և Ապրանքային։ Իպոլիտ Մատվեևիչին մերթ թվում էր, թե նա երբեք չի լքել Ստարոգրադը, մերթ Ստարոգրադը բոլորովին անծանոթ վայր էր պատկերանում նրան։
 +
 +
Այդ մտորումներով նա հասավ մինչև Մարքսի և Էնգելսի փողոցը։ Այդ վայրում նրան համակեց մանկական մի զգացում, ասես հենց հիմա երկար պատշգամբով երկհարկանի տան անկյունից անպայման դուրս է գալու մի ծանոթ։ Իպոլիտ Մատվևիչը նույնիսկ կանգ առավ սպասումով։ Բայց ծանոթը դուրս չեկավ։ Նախ անկյունից երևաց ապակեգործը՝ բոհեմյան ապակիերով լի արկղով և մի բոքոն պղնձագույն մածիկով։ Անկյունից դուրս պրծավ մի ֆրանտ կաշվեդեղին հովհար ունեցող զամշե կեպկայով։ Նրա ետևից դուրս վազեցին երեխաներ, առաջին աստիճանի աշակերտներ՝ փոկակապ գրքույկներով։
 +
 +
Հանկարծ Իպոլիտ Մատվևիչը տաքություն զգաց ափերում և զովություն՝ փորում։ Ուղիղ նրա կողմն էր գալիս բարեդեմ անծանոթ մի քաղաքացի, ձեռքին թավջութակի պես մի աթոռ բռնած։ Իպոլիտ Մատվևիչը, որը անսպասելիորեն սկսեց զկրտալ, ակնապիշ նայեց և իսկույն ճանաչեց իր աթոռը։
 +
 +
Այո։ Դա հաբսյան աթոռն էր, պաստառված հեղափոխության մրրիկներում խունացած անգլիական ծաղկավոր չթով, դա կաղնե աթոռ էր՝ ճկած ոտքերով։ Իպոլիտ Մատվևիչը այնպես զգաց իրեն, ասես ականջին կրակեցին։
 +
 +
― Դանակ, մկրատ սրե՜նք, ածելի սրե՜նք, ― մոտերքը բղավեց բարիտոնալ մի բաս։
 +
 +
Եվ իսկույն լսվեց բարակ արձագանքը։
 +
 +
― Կլայեկե՜նք, նորոգե՜նք․․․
 +
 +
― Մոսկովյան գայզեթ «Զվեստիե», ժուռնալ «Սմեխաչ», «Կրասնայա Նիվա»։
 +
 +
Վերևում ինչ֊որ տեղ զրնգոցով ապակի ջարդեցին։ Քաղաքը ցնցելով անցավ Մելստրոյի բեռնատարը։ Միլիցիոները սուլեց։ Կյանքը եռում և դուրս էր գալիս ափերից։ Ժամանակ կորցնելու հարկ չկար։
 +
 +
Իպոլիտ Մատվևիչը ընձառյուծի ոստյունով մոտեցավ զայրացուցիչ անծանոթին և լուռումունջ աթոռը քաշեց դեպի իրեն։ Անծանոթը աթոռը ետ քաշեց։ Այդ ժամանակ Իպոլիտ Մատվևիչը, ձախ ձեռքով աթոռի ոտքը պահած, սկսեց ուժով պոկել աթոռից անծանոթի հաստ մատները։
 +
 +
― Կողոպտո՜ւմ են, ― շշուկով ասաց անծանոթը, էլ ավելի ամուր կառչելով աթոռից։
 +
 +
― Թո՛ւյլ տվեք, թո՛ւյլ տվեք, ― թոթովում էր Իպոլիտ Մատվևիչը, շարունակելով պոկել անծանոթի մատները։
 +
 +
Սկսեց բազմություն հավաքվել։ Երեք մարդ արդեն կանգնել էին մոտերքը և աշխույժ հետաքրքրությամբ հետևում էին կոնֆլիկտի զարգացմանը։
 +
 +
Այդ ժամանակ երկուսն էլ երկյուղով մի հայացք նետեցին շուրջները և, իրար երեսի չնայելով, բայց աթոռը կառչուն ձեռքերից բաց չթողնելով, արագ֊արագ առաջ անցան, ասես ոչինչ չէր եղել։
 +
 +
«Սա ի՞նչ բան է», ― հուսահատ մտածում էր Իպոլիտ Մատվևիչը։
 +
 +
Թե ինչ էր մտածում անծանոթը, դժվար էր հասկանալ, բայց խիստ վճռական էր նրա քայլվածքը։
 +
 +
Գնալով նրանք ավելի արագ էին քայլում և խուլ նրբանցում խճով և շինանյութերով լցված մի ամբողջ վայր տեսնելով, ասես հրամանով թեքվեցին այդ կողմը։ Այստեղ Իպոլիտ Մատվևիչի ուժերը քառապատկվեցին։
 +
 +
― Թո՛ւյլ տվեք, ― բղավեց նա առանց քաշվելու։
 +
 +
― Օգնությո՜ւն, ― հազիվ լսելի ձայնով բացականչեց անծանոթը։
 +
 +
Եվ քանի որ երկուսի ձեռքերն էլ զբաղված էին աթոռով, նրանք սկսեցին իրար քացի տալ։ Անծանոթի սապոգները պայտերով էին, և սկզբում Իպոլիտ Մատվևիչի վիճակը բավական վատ էր։ Բայց նա շատ շուտ հարմարվեց և, մերթ աջ, մերթ ձախ ցատկելով, ասես կրակովյակ պարելիս լիներ, խույս էր տալիս հակառկորդի հարվածներից և աշխատում հարվածել թշնամու փորին։ Նրան չհաջողվեց դիպնել փորին, որովհետև աթոռը խանգարում էր, բայց փոխարենը մի լավ հասցրեց հակառակորդի ծնկոսկրին, որից հետո նա կարող էր քացի տալ միայն ձախ ոտքով։
 +
 +
― Օ, աստվա՜ծ իմ, ― շշնջաց անծանոթը։
 +
 +
Եվ այդ պահին Իպոլիտ Մատվևիչը տեսավ, որ զայրացուցիչ կերպով իր աթոռը հափշտակող անծանոթը ոչ այլ ոք է, բայց եթե Ֆլոր և Լավր եկեղեցու քահանան՝ տեր Ֆյոդոր Վոստրիկովը։
 +
 +
Իպոլիտ Մատվևիչը ապուշ կտրեց։
 +
 +
― Տեր֊հա՜յր, ― բացականչեց նա, զարմանքից ձեռքն աթոռից քաշելով։
 +
 +
Հայր Ոստրիկովը կարմրատակեց և մատները, վերջապես, բացեց։ Ոչ ոքի կողմից չբռնված աթոռն ընկավ ջարդած աղյուսի վրա։
 +
 +
― Ո՞ւր են ձեր բեղերը, հարգելի Իպոլիտ Մատվևիչ, ― ամենահնարավոր թունոտությամբ հարցրեց հոգևոր անձը։
 +
 +
― Իսկ ո՞ւր են ձեր խոպոպիկները։ Չէ՞ որ դուք խոպոպիկներ ունեիք։
 +
 +
Անտանելի ատելություն էր հնչում Իպոլիտ Մատվևիչի խոսքերի մեջ։ Նա շրջահայեց տեր Ֆյոդորին արտասովոր ազնվության հայացքով և, թևի տակ առնելով աթոռը, շուռ եկավ, որ գնա։ Բայց շփոթմունքից սթափված տեր Ֆյոդորն այդպիսի հեշտ հաղթանակ թույլ չտվեց Վորոբյանինովին։ «Ոչ, խնդրում եմ ձեզ» բղավելով, նա նորից բռնեց աթոռից։ Վերականգնվեց առաջվա դիրքավորումը։ Հակառակորդները կանգնել էին կատվի կամ բռնցքամարտիկների պես աթոռից կառչած, հայացքով չափում էին միմյանց, կողքե֊կողք գնալով։
 +
 +
Սրտակեղեք պաուզան տևեց մի ամբողջ րոպե։
 +
 +
― Ուրեմն, հայր սուրբ, ― ատամները կրճտացրեց Իպոլիտ Մատվևիչը, ― այդ դո՞ւք եք ընկել իմ ետևից։
 +
 +
Այս խոսքերով Իպոլիտ Մատվևիչը մի քացի հասցրեց հայր սուրբի ազդրերին։
 +
 +
Տեր Ֆյոդորը ճարպիկ գտնվեց և կատաղորեն մի այնպիսի հարված հասցրեց պարագլխի աճուկին, որ վերջինս կուչ եկավ։
 +
 +
― Սա ձեր գույքը չէ։
 +
 +
― Բա ո՞ւմն է։
 +
 +
― Ձերը չէ։
 +
 +
― Բա ո՞ւմն է։
 +
 +
― Ձերը չէ, ձերը չէ։
 +
 +
― Բա ո՞ւմն է, ո՞ւմը։
 +
 +
― Ձերը չէ։
 +
 +
Այդպես ֆշշացնելով, նրանք մոլեգնորեն քացահարում էին միմյանց։
 +
 +
― Բա ո՞ւմն է այս գույքը, ― աղաղակեց պարագլուխը, ոտը խրելով հայր սուրբի փորի մեջ։
 +
 +
Հայր սուրբը, ցավը հաղթահարելով, հաստատ ասաց․
 +
 +
― Սա ազգայնացված գույք է։
 +
 +
― Ազգայնացվա՞ծ։
 +
 +
Նրանք այնպիսի արագությամբ էին խոսում, որ խոսքերը միաձուլվում էին։
 +
 +
― Ո՞վ է ազգայնացրել։
 +
 +
― Սովետական իշխանությունը։ Սովետական իշխանությունը։
 +
 +
― Որ իշխանությո՞ւնը։
 +
 +
― Աշխատավորների։
 +
 +
― Ա֊ա՜֊ա՜․․․ ― ասաց Իպոլիտ Մատվևիչը սարսռելով։ ― Բանվորների և գյուղացիների իշխանությո՞ւնը։
 +
 +
― Հա՜֊ա՜֊ա՜։
 +
 +
― Հըմ․․․ Բայց միգուցե, հայր սուրբ, դուք կուսակցակա՞ն եք։
 +
 +
― Միգուցե։
 +
 +
Այստեղ Իպոլիտ Մատվեևիչը չդիմացավ և «միգուցե» բղավելով, մի լավ թքեց տեր Ֆյոդորի բարի դեմքին։ Տեր Ֆյոդորը անմիջապես թքեց Իպոլիտ Մատվևիչի դեմքին և նույնպես կպավ։ Թուքը սրբելու ճար չկար՝ ձեռքերը զբաղված էին աթոռով։ Իպոլիտ Մատվևիչը բացվող դռան ճռռոց հանեց և որքան ուժ ուներ՝ հրեց թշնամուն աթոռով։ Թշնամին ընկավ, իր հետ քարշ տալով շնչասպառ Վորոբյանինովին։ Պայքարը շարունակվում էր պարտերային վիճակում։
 +
 +
Հանկարծ ճայթուն լսվեց, առաջին երկու ոտքերը միանգամից կոտրվեցին։ Հակառակորդները, իրար մոտեցած, սկսեցին հոշոտել կաղնե գանձապահեստը։ Ճայի տխուր ճիչով պատառոտվեց անգլիական ծաղկավոր չիթը։ Ուժեղ թափով նետած մեջքը թռավ մի կողմի վրա։ Գանձ որոնողները պոկոտեցին պաստառը՝ պղնձյա կոճակների հետ միասին և, զսպանակներից վիրավորվելով, մատները խրեցին բրդե լցվածքի մեջ։ Անհանգստացած զսպանակները երգում էին։ Հինգ րոպե անց աթոռն ամբողջովին բմբլահան էր արված։ Նրանից մնացին պոզիկներն ու տոտիկները։ Զսպանակները գլրովել էին դես ու դեն։ Քամին ամայի վայրով մեկ քշում֊տանում էր նեխած բուրդը։ Ճկած ոտքերը ընկել էին փոսի մեջ։ Ադամանդները չկային։
 +
 +
― Հը, ոնց է, գտա՞ք, ― հարցրեց Իպոլիտ Մատվևիչը շնչասպառ լինելով։
 +
 +
Տեր Ֆյոդորը ամբողջովին բրդի ծվեններով պատած, հևում էր ու լռում։
 +
 +
― Դուք աֆերի՛ստ եք, ― բղավեց Իպոլիտ Մատվևիչը։ ― Ես ձեր քիթումռութը կջարդեմ, տեր Ֆյոդոր։
 +
 +
― Ձեռնքերդ կարճ են, ― պատասխանեց տեր֊հայրը։
 +
 +
― Հիմա ո՞ւր եք գնալու ամբողջովին բրդակոլոլ։
 +
 +
― Ձեր ի՞նչ գործն է։
 +
 +
― Ամոթ է, տեր հայր։ Դուք պարզապես գող եք։
 +
 +
― Ես ձեզնից ոչինչ չեմ գողացել։
 +
 +
― Բա ինչպե՞ս իմացաք այս մասին։ Ձեր շահերի համա՞ր օգտագործեցիք խոստովանության գաղտնիքը։ Շատ լա՜վ։ Շատ գեղեցի՜կ։
 +
 +
Իպոլիտ Մատվևիչը գարշանքով «թյու» անելով լքեց ամայի տեղը և, քայլելիս մաքրելով վերարկուի թևքը, գնաց դեպի տուն։ Լենայի դեպքերի փողոցի և Երոֆեևյան նրբացքի անկյունում Վորոբյանինովը տեսավ իր կոմպանյոնին։ Կոնցեսիայի տեխնիկական դիրեկտորը և գլխավոր ղեկավարը կանգնել էր կիսադարձ, ձախ ոտքը փոքր֊ինչ բարձրացրած․ նրա զամշե կոշիկները մաքրում էին վառ դեղին կրեմով։ Իպոլիտ Մատվեևիչը մոտ վազեց նրան։ Դիրեկտորն անհոգ «Շիմմի» էր մռմռում քթի տակ։
 +
 +
<poem>
 +
Առաջ այդ բանը ուղտերն էին անում,
 +
Առաջ պարում էին բա֊դա֊բու֊դում,
 +
Իսկ հիմա բոլորը շիմմի ե պարում․․․
 +
</poem>
 +
 +
― Հը, ո՞նց է բնակբաժնի գործը, ― հարցրեց նա գործարար տոնով և իսկույն ավելացրեց․ ― սպասեցեք, մի պատմեք, դուք անչափ հուզված եք, հովացեք։
 +
 +
Կոշիկ մաքրողին յոթ կոպեկ տալուց հետո Օստապը թևանցուկ արավ Վորոբյանինովին և քարշ տվեց փողոցով։ Օստապը մեծ ուշադրությամբ լսեց այն ամենը, ինչ պատմեց հուզված Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Ըհը՛։ Մի փոքրիկ սև մորո՞ւք։ Ճի՞շտ է։ Ոչխարե օձիքով վերարկո՞ւ։ Հասկանում եմ։ Դա անկելանոցի աթոռն է։ Գնված է այսօր առավոտյան երեք ռուբլով։
 +
 +
― Կացեք ախր․․․
 +
 +
Եվ Իպոլիտ Մատվեևիչը գլխավոր կոնցեսիոներին իրազեկ դարձրեց տեր Ֆյոդորի բոլոր ստորություններին։
 +
 +
Օստապը մռայլվեց։
 +
 +
― Թթու գործ է, ― ասաց նա, ― Լեյխտվեյսի քարանձավը։ Խորհրդավոր ախոյան։ Պետք է կանխել նրան, իսկ նրա քիթմռութը տրորելու ժամանակ դեռ կունենանք։
 +
 +
Մինչ բարեկամները մի բան կուտեին «Ստենկա Ռազին» գարեջրատանը և Օստապը հարցուփորձով կիմանար, թե առաջներում ո՛ր տանն է գտնվել բնակբաժինը և հիմա ո՛ր հիմնարկությունն է այնտեղ, օրը վերջացավ։
 +
 +
Ոսկե բիտյուգները նորից դարձան սրճագույն։ Ադամանդյա կաթիլները սառչում էին օդի մեջ և փխլվում գետնին։  Գարեջրատներում և «Ֆենիկս» ռեստորանում գարեջրի գինը բարձրացավ՝ իրիկունը վրա հասավ։ Մեծ Պուշկինյան փողոցի վրա վառվեցին էլեկտրական լամպերը և գարնանային առաջին զբոսանքից տուն վերադառնալով, թմբուկի կտկտոցով անցավ պիոներական ջոկատը։
 +
 +
Գուբպլանի վագրերը և ակնոցավոր օձերը խորհրդավոր կերպով շողշողում էին քաղաքի վրա բարձրացող լուսնի տակ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը, հանկարծակի սսկած Օստապի հետ տուն գնալիս, նայեց Գուբպլանի վագրերին և օձերին։ Ժամանակին այստեղ տեղավորված էր նահանգային զեմստվոյական վարչությունը, և քաղաքացիները շատ էին հպարտանում օձերով, նրանց համարելով Ստարգորոդի տեսարժան բաները։
 +
 +
«Կգտնեմ», ― անցավ Իպոլիտ Մատվևիչի մտքով, երկար նայելով գիպսե հաղթանակին։
 +
 +
Վագրերը սիրալիր թափահարում էին պոչերը, օձերը խնդագին կծկվում էին, և Իպոլիտ Մատվեևիչի հոգին լցվում էր հավատով։
 +
 +
 +
==Փականագործը, թութակը և գուշակուհին==
 +
 +
 +
Պերելեշինյան նրբանցքի N7 տունը Ստարգորոդի լավագույն տների թվին չէր պատկանում։ Երկրորդ կայսրության ոճով կառուցված նրա երկու հարկերը զարդարված էին առյուծի ջարդոտած մռութներով, որոնք անասելի կերպով նման էին ժամանակին հայտնի գրող Արցիբաշին։ Ուղիղ ութը՝ նրբանցքին նայող պատուհանների թվով՝ արցիբաշևյան դեմքեր կային։ Այդ առյուծի մռութները տեղավորված էին պատուհանների պորտերի մոտ։
 +
 +
Տան վրա ևս երկու զարդարանք կար՝ բայց արդեն զուտ առևտրական բնույթի։ Մի կողմից կախված էր լազուր ցուցանակ․
 +
 +
:::::::::::Օդեսյան
 +
:::::::::բուբլիկների արտել
 +
:::::::::Մոսկովյան օղաբլիթներ
 +
 +
Ցուցանակի վրա պատկերված էր մի երիտասարդ՝ փողկապով և ֆրանսիական կարճ անդրավարտիքով։ Նա շուռ տված ձեռքով բռնել էր առատության հեքիաթային եղջյուրը, որից լավայի պես թափվում էին մոսկովյան դեղին օղաբլիթները, որոնք կարիքի դեպքում կարող էին և օդեսյան բուբլիկներ համարվել։ Ընդ որում երիտասարդը երանությամբ ժպտում էր։ Մյուս կողմից «Բիստրոուպակ» փաթաթման գրասենյակը հարգելի պատվիրատու քաղաքացիներին իր մասին ծանուցում էր ոսկյա կլոր տառերով սև ցուցանակով։
 +
 +
Չնայած ցուցանակների և շրջանառու կապիտալի մեծության զգալի տարբերության, այդ երկու տարատեսակ ձեռնարկությունները զբաղվում էին միևնույն գործով։ Ամեն տեսակ կտորեղենի ― կոպտաբուրդ, նրբաբուրդ, բամաբակի ― սպեկուլյացիաով, իսկ եթե պատահում էր լավ գույնի և նախշի մետաքս, ապա և մետաքսի սպեկուլյացիաով։
 +
 +
Անցնելով թունելային խավարով և ջրով ողողված դարբասով ու թեքվելով աջ՝ ցեմենտե ջրհորով բակը, կարելի էր տեսնել երկու անգավիթ դռներ, որոնք ուղիղ բացվում էին բակի սուր քարերի վրա։ Աջ դռան վրա փակցված էր պղնձյա գորշ մի տախտակ՝ վրան փորագրած ձեռագիր ազգանուն․
 +
 +
::::::::::::Վ․ Մ․ Պոլեսով
 +
 +
Ձախի վրա փակցված էր սպիտակ թիթեղ․
 +
 +
::::::::::Մոդաներ և շլյսպաներ
 +
 +
Սա ևս միայն տեսքի համար էր։
 +
 +
Մոդաների և շլյապաների արհեստանոցի ներսում ո՛չ կարել կար, ո՛չ ձևել, ո՛չ անգլուխ մանեկեններ՝ սպայական կեցվածքով, ո՛չ էլ գլխի կաղապարներ՝ կանացի շքեղ շլյապաների համար։ Այդ խաբուսիկ բաների փոխարեն երեքսենյականոց բնակարանում ապրում էր անարատ սպիտակության մի թութակ՝ կարմիր վարտիքով։ Լվերը թութակի հոգին հանում էին, բայց նա ոչ ոքի գանգատվել չէր կարող, որովհետև մարդկային ձայնով չէր խոսում։ Թութակն ամբողջ օրերով արևածաղկի սերմ էր չրթում և կճեպը վանդակի ճյուղերի արանքով թքում գորգի վրա։ Պակասում էին միայն հարմոն և ճռճռացող նոր ոտնամաններ, որպեսզի նա նմանվեր կոնծած միայնակ֊տնայնագործի։ Պատուհաններին փողփողում էին մուգ֊սրճագույն ծոպավոր վարագույրներ։ Բնակարանում գերակշռում էր Բյոկլինի «Մեռածների կղզին» նկարի ռեպրոդուկցիան՝ ապակեպատ, մուգ կանաչ գույնի կաղնե ողորկ շրջանակի մեջ։ Ապակու մի անկյունը վաղուց թռել էր և նկարի բաց մասը ճանճերն այնպես էին ծերտոտել, որ բոլորովին ձուլվել էր շրջանակի հետ։ Արդեն հնարավոր չէր իմանալ, թե ինչ է կատարվում մեռածների կղզու այդ մասում։
 +
 +
Ննջարանում մահճակալի վրա նստել էր ինքը տանտիրուհին և արմունկներով հենված ութանկյունանի սեղանին, որը ծածկված էր կեղտոտ ռիշելյե սփռոցով, թուղթ էր բաց անում։ Նրա առջևում բմբլե շալով նստել էր այրի Գրիցացուևան։
 +
 +
― Պետք է ձեզ զգուշացնեմ, օրիորդ, որ ես սեանսի համար հիսուն կոպեկից պակաս չեմ վերցնում, ― ասաց տանտիրուհին։
 +
 +
Այրին, որ նոր ամուսին գտնելու իր ձգտումների մեջ արգելառիթներ չէր ճանաչում, համաձայնեց վճարել սահմանված գինը։
 +
 +
― Միայն թե, խնդրում եմ, ապագայի մասին էլ, ― աղերսագին խնդրեց նա։
 +
 +
― Ձեզ պետք է գուշակել խաչի աղջկա վրա։
 +
 +
Այրին առարկեց․
 +
 +
― Ես միշտ փոսիկի աղջիկն եմ եղել։
 +
 +
Տանտիրուհին անտարբեր համաձայնեց և սկսեց դասավորել թղթերը։ Այրու բախտավիճակի սևագիր կանխորոշումը տրվեց արդեն մի քանի րոպե անց։ Այրուն սպասում էին մեծ ու փոքր անախորժություններ, իսկ սրտումը կար խաչի թագավորը, որի հետ մտերմություն էր անում ագռավի աղջիկը։
 +
 +
Մաքրագրած գուշակեցին ձեռքի վրա։ Այրի Գրիցացուևայի ձեռքի գծերը մաքուր էին, ուժեղ և անբասիր։ Կյանքի գիծը այնքան հեռուներն էր գնում, որ նրա վերջը մտնում էր զարկերակի մեջ, և եթե գիծը ճիշտ էր ասում, ապա այրին ապրելու էր մինչև ահեղ դատաստանը։ Խելքի և արվեստի գծերը իրավունք էին տալիս հուսալու, որ այրին վերջ կտա բակալեայի առևտրին և մարդկությանը կնվիրի չգերազանցված գլուխ֊գործոցներ արվեստի, գիտության կամ հասարակագիտության ուզածդ բնագավառում։ Այրու Վեներայի թմբիկները նմանվում էին մանջուրական բլրակներին և սիրո ու քնքշանքի հրաշալի պաշարներ էին դրսևորում։
 +
 +
Գուշակուհին այդ ամենը բացատրեց այրուն՝ գործածելով գրաֆոլոգների, խիրոմանտների և ձիավաճառների շրջանում ընդունված բառեր և տերմիններ։
 +
 +
― Ա՜յ, շնորհակալ եմ ձեզանից, տիկին, ― ասաց այրին, ― հիմա որ արդեն գիտեմ, թե ով է խաչի թագավորը։ Ագռավի աղջիկն էլ է ինձ հայտնի։ Իսկ թագավորը մարյաժայի՞ն է։
 +
 +
― Մարյաժային է, օրիորդ։
 +
 +
Այրին թևավորված տուն գնաց։ Իսկ գուշակուհին, խաղաթղերը արկղ նետելով, հորանջեց, ցույց տալով հիսնամայա կնոջ երախը և գնաց խոհանոց։ Այնտեղ նա զբաղվեց ճաշով, որ տաքանում էր «Գրեց» նավթավառի վրա, խոհարարուհու պես ձեռքերը սրբեց գոգնոցով, վերցրեց տեղ֊տեղ էմալը թափված դույլը և գնաց բակ ջուր բերելու։
 +
 +
Նա քայլում էր բակում, ծանրորեն շարժվելով տափակ ոտնաթաթերի վրա։ Նրա կիսաքայքայված կուրծքը ալարկոտ թրթռում էր վերաներկած կոֆտայի մեջ։ Գլխի վրա բուսել էր ալեհեր մազերի մի ավել։ Նա պառավ էր, կեղտոտ, կասկածանքով էր նայում բոլորին և սիրում էր քաղցրեղեն։ Եթե Իպոլիտ Մատվեևիչը հիմա տեսներ նրան, ապա երբեք չէր ճանաչի Ելենա Բոուրին, իր հին սիրուհուն, որի մասին դատարանի քարտուղարը մի ժամանակ ոտանավորով ասել էր, թե «համբույրների է նա կանչում, օդային էակ է նա»։ Ջրհորի մոտ տիկին Բոուրին ողջունեց հարևանը՝ ինտելիգենտ֊փականակագործ Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը, որը ջուր էր վերցնում բենզինի բիդոնով։ Պոլեսովը օպերային սատանայի դեմք ուներ, որին նախքան բեմ թողնելը խնամքով մուր են քսել։
 +
 +
Ողջյուններ փոխանակելուց հետո հարևանները խոսեցին ամբողջ Ստարոգրադին զբաղեցնող գործի մասին։
 +
 +
― Ի՜նչ օրի հասանք, ― հեգնորեն ասաց Պոլեսովը, ― երեկ ամբողջ քաղաքը տակնուվրա արեցի, երեքութերորդական դյույմանոց պլաշկա չկարողացա ճարել։ Չկա՛։ Չէ։ Մինչդեռ պատրաստվում են տրամվայ բաց թողնել։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան, որը երեքութերորդական դյույմանոց պլաշկայի մասին այնքան գաղափար ուներ, որքան գյուղատնտեսության մասին ունենում է Լեոնարդո դա Վինչիի անվան խորեոգրաֆիկ դասընթացների ունկնդրուհին, որի կարծիքով կաթնաշոռը ստացվում է վարենիկներից, այնուամենայնիվ կարեկցեց․
 +
 +
― Ի՜նչ խանութներ են հիմա։ Հիմա միայն հերթեր կան, իսկ խանութներ չկան։ Իսկ ամենից սարսափելին այդ խանութների անուններն են։ Ստարկոոպա՜ռ․․․
 +
 +
― Չէ, գիտեք, Ելենա Ստանիսլավովնա, դա դեռ ի՜նչ է որ։ Նրանց չորս մոտոր է մնացել «Ընդհանուր էլեկտրական կոմպանիայից»։ Դե դրանք մի կերպ յոլա կտանեն, թեև թափքը անպետք է․․․ Ապակին ռետինների վրա չէ։ Ինքս եմ տեսել։ Զնգզնգալու է շարունակ․․․ Սարսա՛փ։ Իսկ մնացած մոտորները՝ Խարկովի արտադրանք են։ Տեղովը գոսպրոմցվետմետ։ Մի վերստ հազիվ քաշեն։ Ես տեսել եմ դրանց։
 +
 +
Փականագործը ջղայնացած լռեց։ Նրա սև դեմքը արևի տակ փայլում էր։ Աչքերի սպիտակուցները դեղնավուն էին։ Մոտոր ունեցող տնայնագործների մեջ, որոնցով առատ էր Ստարգորոդը, Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը անշնորք էր և ավելի հաճախ էր ընկնում անախորժ վիճակի մեջ, քան ուրիշները։ Դրա պատճառը նրա չափից դուրս կրակոտ բնավորությունն էր։ Դա եռուն ծույլի մեկն էր։ Շարունակ փրփրում էր։ Նրան հնարավոր չէր գտնել իր սեփական արհեստանոցում, որ գտնվում էր Պերելշինյան նրբանցքի N7 տան երկրորդ բակում։ Հանգած շարժական քուրան որբուկի պես կանգնած էր քարաշեն սարայի մեջտեղը, որի անկյուններում թափված էին ծակված կամերաներ, պատռված «Տրեուգոլնիկ» պահպանաշերտեր, կարմրագորշ կողպեքներ ― այնքան մեծ, որ դրանցով կարելի էր քաղաքներ կողպել, ― վառելանյութի փափուկ բակեր՝ «Jndian» և «Wanderer» մակագրություններով, մանկական զսպանակավոր ձեռնասայլակ, հավետ լռած դինամո, դաբաղած նեխած կաշեփոկեր, յուղոտված խծուծ, մաշված հղկաթուղթ, ավստրիկան սվին և բազում ծռմռված, պատառոտված և ճխլտված անպետքություններ։ Պատվիրատուները չէին գտնում Վիկտոր Միխայլովիչին։ Վիկտոր Միխայլովիչն ինչ֊որ տեղ կարգադրություններ էր անում։ Նա աշխատանքի հետ գլուխ չուներ։ Նա չէր կարող հանգիստ նայել իր կամ ուրիշի բակը մտնող բեռնասայլորդին։ Պոլեսովն անմիջապես բակ էր դուրս գալիս և, ձեռերը ետևին դրած, արհամարհանքով դիտում էր սայլորդի գործողությունները։ Վերջապես նրա սիրտը չէր դիմանում։
 +
 +
― Բա ո՞վ է էդպես ներս մտնում, ― բղավում էր նա սարափելով։ ― Շո՛ւռ տուր։
 +
 +
Վախեցած սայլորդը շուռ էր տալիս։
 +
 +
― Ո՞ւր ես շուռ տալիս, ռեխի մեկը, ― տառապում էր Վիկտոր Միխայլովիչը, վրա պրծնելով ձիուն։ ― Հին ժամանակներում մի լավ կհասցնեին քո մռութին, այն ժամանակ շուռ կտայիր։
 +
 +
Այդպես կես ժամի չափ հրամաններ արձակելուց հետո Պոլեսովը հենց այն է պատրաստվում էր վերադառնալ արհեստանոց, ուր նրան սպասում էր չնորոգված հեծանվային պոմպը, բայց այդ պահին քաղաքի անդորր կյանքը սովորաբար դարձյալ խախտվում էր որրևէ թյուրիմացությունից։ Մերթ փողոցում սռնիներով իրար էին դիպչում երկու սայլակ, և Վիկտոր Միխայլովիչը ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է դրանք ամենից լավ և արագ անջատել իրարից, մերթ փոխում էին հեռագրասյունը, և Պոլեսովը իր իսկ արհեստանոցից հատկապես բերած ուղղալարով ստուգում էր սյան ուղղահայացությունը գետնի նկատմամբ, մերթ, վերջապես, անցնում էր հրշեջ գումակը, և Պոլեսովը շեփորի հնչյուններից հուզված և անհանգստության կրակից տոչորված, վազում էր հրշեջ կառքերի ետևից։
 +
 +
Սակայն երբեմն Վիկտոր Միխայլովիչին համակում էր ռեալ գործողության տարերքը։ Մի քանի օրով նա փակվում էր արհեստանոցում և սուսուփուս աշխատում։ Երեխաներն ազատ վազվզում էին բակում և բղավում՝ ինչ ուզում էին, բեռնասայլորդները բակում գծում էին ինչ ծուռումուռ գծեր ասես, փողոցում սայլակները ընդհանրապես դադարում էին իրար կցվելուց, և հրշեջ կառքերն ու դիակառքերը մեն֊մենակ գլորվում էին դեպի հրդեհի վայրը ― Վիկտոր Միխայլովիչը աշխատում էր։ Մի անգամ, թունդ հարբեցողությունից հետո, նա ինչպես կոտոշներից բռնած խոյի, բակ դուրս բերեց մի մոտոցիկլ, որ բաղկացած էր ավտոմոբիլների, կրակմարիչների, հեծանիվների և գրամեքենաների կտորտանքներից։ Մեկ ու կես ուժանոց մոտորը վենդերերյան էր, անիվները՝ դավիդսոնյան, իսկ մնացած էական մասերը վաղուց արդեն կորցրել էին ֆիրմաները։ Թամբից շպագատով կախված էր խավաքարտե մի պլակատ՝ «Փորձարկում»։ Բազմություն հավաքվեց։ Վիկտոր Միխայլովիչը, ոչ ոքի չնայելով, ձեռքով պտտեց պեդալը։ Տասը րոպեի չափ կայծ չէր ստացվում։ Ապա լսվեց երկաթյա չփչփոց, գործիքը դողդողաց և կորավ կեղտոտ ծխի մեջ։ Վիկտոր Միխայլովիչը նետեց իրեն թամբի վրա, և մոտոցիկլը, խելացնոր արագություն վերցնելով, թունելի միջով դուրս բերեց նրան սալարկած փողոցի մեջտեղը և մեկից կանգ առավ, ասես գնդակահարված։ Վիկտոր Միխայլովիչը այն է պատրաստվում էր իջնել և ստուգել իր հանելուկային մեքենան, երբ նա հանկարծ ետընթաց շարժում կատարեց և տարավ իր ստեղծողին նույն թունելի միջով,  կանգնեց նույն տեղը, որտեղից մեկնել էր՝ բակի մեջտեղում, փնթփնթալով ախ քաշեց և պայթեց։ Վիկտոր Միխայլովիչը հրաշքով փրկվեց և մոտոցիկլի կտորտանքներից հարբեցողության մյուս շրջանում սարքեց ստացիոնար շարժիչ, որը շատ էր նմանվում իսկականի, բայց չէր աշխատում։
 +
 +
Ինտելիգենտ֊փականագործի ակադեմիական գործունեության պսակը հարևան N5 տան դարբասի էպոպեան էր։ Այդ տան բնակընկերությունը պայմանագիր կնքեց Վիկտոր Միխայլովիչի հետ, որով Պոլեսովը պարտավորվում էր լրիվ կարգի բերել երկաթյա դարբասը և իր հայեցողությամբ ներկել այն որևէ հաճելի գույնով։ Մյուս կողմից բնակընկերությունը պարտավորվում էր աշխատանքները հատուկ հանձնաժողովի կողմից ընդունելուց հետո Վ․ Մ․ Պոլեսովին վճարել քսանմեկ ռուբլի յոթանասունհինգ կոպեկ։ Դրոշմանիշների ծախսը աշխատանք կատարողի հաշվին էր։
 +
 +
Վիկտոր Միխայլովիչը Սամսոնի պես քարշ տվեց բերեց դարբասը։ Արհեստանոցում ոգևորված գործի անցավ։ Երկու օր գնաց դարբասը գամահանելու վրա։ Այն դասավորվեց ըստ  բաղկացուցիչ մասերի։ Չուգունե պարուրազարդերը ընկած էին մանկական ձեռնասայլակի մեջ, երկաթյա շտանգները և գեղարդները դարսված էին դազգահի տակ։ Մի քանի օր էլ գնաց վնասվածքները զննելու վրա։ Իսկ հետո քաղաքում մի մեծ անախորժություն պատահեց․ Դրովյանայա փողոցի վրա պայթեց մագիստրալ ջրմուղ խողովակը, և Վիկտոր Միխայլովիչը շաբաթվա մնացած օրերը անցկացրեց վթարի վայրում, հեգնորեն ժպտալով, բանվորների վրա բղավելով և ամեն րոպե վիհի մեջ նայելով։
 +
 +
Երբ Վիկտոր Միխայլովիչի կազմակերպչական ավյունը փոքր֊ինչ մեղմացավ, նա նորից մոտ եկավ դարբասին, բայց ուշ էր․ բակի երեխաներն արդեն խաղում էին N5 տան դարբասի պարուրազարդերով և գեղարդիներով։ Տեսնելով զայրացած փականագործին, երեխաները վախեցած շաղ տվեցին խաղալիքները և փախան։ Պարուրազարդերի կեսը չկար և չհաջողվեց գտնել։ Դրանից հետո Վիկտոր Միխայլովիչը անձամբ մասնակցում էր գողերին հետապնդելու գործին, բայց գողը, թեև պարզած ձեռքերով էր տանում եռացող ինքնաեռը, որի թիթեղյա խողովակից բոց էր ելնում, վազում էր շատ արագ, և շուռ գալով կեղտոտ խոսքերով պարսավում էր ամենից առջևում գտնվող Վիկտոր Միխայլովիչին։ Բայց բոլորից շատ տուժեց N5 տան դռնապանը։ Նա կորցրեց ամենգիշերյա վաստակը․ դարբասը չկար, բացելու բան չկար և քեֆ անող բնակիչները ոչ մի առիթ չունեին նրան տասկոպեկանոց բաշխելու։ Սկզբում դռնապանը գնում էր իմանալու, թե շո՞ւտ կպատրաստվի արդյոք դարբասը, հետո սկսեց աղաչել֊պաղատել հիսուս֊քրիստոսով, իսկ վերջում սկսեց անորոշ սպառնալիքներ արտասանել։ Բնակընկերությունը գրավոր հիշեցումներ էր ուղարկում Վիկտոր Միխայլովիչին։ Դատարանի հոտ էր փչում։ Դրությունը գնալով լարվում էր։
 +
 +
Գուշակուհին և էնտուզիաստ փականագործը, ջրհորի մոտ կանգնած, շարունակում էին զրուցել։
 +
 +
― Ներծծված շպալների բացակայության առկայության դեպքում, ―բակով մեկ բղավում էր Վիկտոր Միխայլովիչը, ― դա ոչ թե տրամվայ է լինելու, այլ դարդ ու բալա։
 +
 +
― Ե՞րբ է այդ ամենը վերջանալու, ― ասաց Ելենա Ստանիսլավովնան։ ― Ապրում ենք վայրենիների պես։
 +
 +
― Դրան վերջ չկա․․․ Բա՜ս։ Գիտե՞ք, այսօր ումն եմ տեսել։ Վորոբյանինովին։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան կրթնեց ջրհորին, ապշած շարունակելով կախած պահել ջրով լի դույլը։
 +
 +
― Գնացել էի կոմունխոզ արհեստանոցի վարձակալման պայմանագիրը երկարացնելու, անցնում էի միջանցքով։ Հանկարծ երկու հոգի մոտենում են ինձ։ Նայեմ՝ ինչ֊որ ծանոթ դեմք։ Ասես Վորոբյանինովը լինի։ Ու հարցնում են․ «Ասացեք, առաջներում ի՞նչ հիմնարկություն է եղել այս շենքում»։ Ասում եմ, թե առաջներում այստեղ եղել է իգական գիմնազիա, իսկ հետո բնակբաժին։ «Իսկ ձեր ինչի՞ն է պետք», ― հարցնում եմ։ Իսկ նրանք ասում են «շնորհակալություն» և առաջ են անցնում։ Էստեղ ես պարզ տեսա, որ դա Վորոբյանինովն է, միայն թե առանց բեղերի։ Ինչո՞ւ համար էր եկել այստեղ։ Իսկ հետի էն մյուսը՝ տեսքով տղամարդ էր։ Որոշակի նախկին սպա։ Էստեղ մտքովս անցավ․․․
 +
 +
Այդ րոպեին Վիկտոր Միխայլովիչը անախորժ մի բան տեսավ։ Խոսքն ընդհատելով, նա ճանկեց իր բիդոնը և արագ թաքնվեց աղբարկղի ետևում։ Դանդաղ քայլերով բակ մտավ N5 տան դռնապանը, կանգ առավ ջրհորի մոտ և սկսեց աչք ածել բակի շենքերը։ Ոչ մի տեղ Վիկտոր Միխայլովիչին չտեսնելով, տխրեց։
 +
 +
― Փականակագործ Վիտկան էլի՞ չկա, ― հարցրեց նա Ելենա Ստանիսլավովնային։
 +
 +
― Ախ, ես ոչինչ չգիտեմ, ― ասաց գուշակուհին, ― ոչինչ չգիտեմ։
 +
 +
Եվ արտասովոր հուզված, դույլից ջուրը շաղ տալով, շտապ գնաց իր տունը։
 +
 +
Դռնապանը շոյեց ջրհորի ցեմենտի ճախարակը և գնաց արհեստանոց։
 +
 +
::::::::Փականակագործի արհեստանոցի
 +
 +
::::::::::::մուտքը
 +
 +
ցուցանակից երկու քայլ հեռավորության վրա աչքի էր ընկնում մեկ ուրիշ ցուցանակ․
 +
 +
::::::::Փականակագործի արհեստանոց
 +
:::::::::::::և
 +
:::::::::պրիմուսների նորոգում
 +
 +
որի տակ ծանր կողպեք էր կախված։ Դռնապանը ոտքով խփեց կողպեքին և ատելությամբ ասաց․
 +
 +
― Ը՜, գանգրենա։
 +
 +
Դռնապանը մի երեք րոպե ևս կանգնեց արհեստանոցի մոտ, լցվելով ամենաթունոտ զգացմունքներով, հետո դղրդոցով պոկեց ցուցանակը, տարավ դրեց բակի մեջտեղը, ջրհորի մոտ, և երկու ոտքով վրան կանգնելով, սկանդալ բարձրացրեց։
 +
 +
― Ձեր այդ համար յոթ տանը գողեր են ապրում, ― գոռում էր դռնապանը։ ― Ամեն տեսակ սրիկաներ։ Յոթ գլխանի իժեր։ Միջնակարգ կրթությո՜ւն ունի․․․ Ես էդ միջնակարգ կրթությանը չեմ նայի․․․ Անիծվա՛ծ գանգրենա․․․
 +
 +
Աիդ միջոցին միջնակարգ կրթություն ստացած յոթգլխանի իժը աղբարկղի ետևը նստել էր բիդոնի վրա և թախծում էր։
 +
 +
Շրխկոցով բացվում էին շրջանակները և պատուհաններից դուրս էին նայում ուրախ կենվորները։ Փողոցից առանց շտապելու բակ էին մտնում հետաքրքրվողները։ Աուդիտորիա տեսնելուն պես դռնապանը ավելի տաքացավ։
 +
 +
― Փականակագործ֊մեխանի՛կ, ― գոռգոռում էր դռնապանը։ ― Արիստոկրատ շանորդի։
 +
 +
Դռնապանը պառլամենտական արտահայտությունները շուտ֊շուտ փոխարինում էր անցենզուր խոսքերով, որոնց նախապատվություն էր տալիս։ Կանանց թույլ դասը, որ խիստ կպել էր պատուհանի գոգերին, շատ էր վրդովվում դռնապանի վրա, բայց պատուհանից չէր հեռանում։
 +
 +
― Քիթումռութդ կտրորե՛մ, ― մոլեգնում էր դռնապանը։ ― Կրթվածի մեկը։
 +
 +
Երբ սկանդալը հասել էր իր գագաթնակետին, հայտնվեց միլիցիոները և լուռումունջ սկսեց սկանդալիստին քարշ տալ քաղաքամաս։ Միլիցիոներին օգնում էին «Բիստրոուպակի» տղաները։
 +
 +
Դռնապանը հլու֊հնազանդ փարվեց միլիցիոների վզին և լաց եղավ։
 +
 +
Վտանգը անցավ։
 +
 +
Այդ պահին աղբարկղի ետևից դուրս ցատկեց հոգետանջ Վիկտոր Միխայլովիչը։ Աուդիտորիան աղմկեց։
 +
 +
― Գյադա՛, ― բղավեց Վիկտոր Միխայլովիչը թափորի ետևից։ ― Գյադա՛։ Ես քեզ ցույց կտամ։ Սրիկա՛։
 +
 +
Դառնագին հեկեկացող դռնապանը, այդ ամենը չլսեց։ Նրան ձեռքի վրա տանում էին բաժանմունք։ Իբրև իրեղեն ապացույց այնտեղ քարշ տվին նաև «Փականագործի արհեստանոց և պրիմուսների նորոգում» ցուցանակը։
 +
 +
Վիկտոր Միխայլովիչը դեռ երկար ժամանակ հոխորտում էր․
 +
 +
― Շո՛ւն շնորդիներ, ― ասում էր նա դիմելով հանդիսականներին, ― մեծ կարծիքի եք ձեր մասին։ Գյադանե՛ր։
 +
 +
― Հերի՛ք է, Վիկտոր Միխայլովիչ, ― պատուհանից բղավեց Ելենա Ստանիսլավովնան։ ― Անցե՛ք մի րոպեով ինձ մոտ։
 +
 +
Նա մի պնակ կոմպոտ դրեց Վիկտոր Միխայլովիչի առջև և, սենյակում անցուդարձ անելով, սկսեց հարցուփորձ անել․
 +
 +
― Քեզ ասում եմ, որ դա նա էր, առանց բեղերի, բայց նա, ― ըստ սովորության բղավում էր Վիկտոր Միխայլովիչը, ― ես ախր հիանալի գիտեմ նրան։ Տեղովը Վորոբյանինովն է։
 +
 +
― Կամաց, ի սեր աստծո։ Ինչո՞ւ է եկել, ինչ եք կարծում։
 +
 +
Վիկտոր Միխայլովիչի սև դեմքի վրա հեգնական ժպիտ նկատվեց։
 +
 +
― Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։
 +
 +
Նա քմծիծաղ տվեց ավելի մեծ հեգնանաքով։
 +
 +
― Համենայն դեպս ոչ պայմանագիր ստորագրելու բոլշևիկների հետ։
 +
 +
― Դուք կարծում եք, թե նա վտանգի՞ է ենթակա։
 +
 +
Հեղափոխության տասը տարիների ընթացքում Վիկտոր Միխայլովիչի կուտակած հեգնանքի պաշարները անսպառ  էին։ Նրա դեմքի վրա խաղաց տարբեր ուժի և կասկածանքի ժպիտների շարք։
 +
 +
― Սովետական Ռուսաստանում ո՞վ չի ենթարկվում վտանգի, առավել ևս Վորոբյանինովի վիճակում գտնվող մարդը։ Բեղերը, Ելենա Ստանիսլավովնա, զուր տեղը չեն սափրում։
 +
 +
― Նա ուղարկված է արտասահմանի՞ց, ― հարցրեց Ելենա Ստանիսլավովնան, գրեթե շնչասպառ։
 +
 +
― Անպայմա՛ն, ― պատասխանեց հանչարեղ կականագործը։
 +
 +
― Ի՞նչ նպատակով է եկել այստեղ։
 +
 +
― Երեխա մի լինեք։
 +
 +
― Միևնույն է։ Ես պետք է նրան տեսնեմ։
 +
 +
― Իսկ գիտե՞ք, թե ինչով եք ռիսկում։
 +
 +
― Ա՛հ, միևնույն է։ Տասը տարվա անջատումից հետո ես չեմ կարող չտեսնվել Իպոլիտ Մատվեևիչի հետ։
 +
 +
Նրան իսկապես թվաց, թե ճակատագիրը իրենց բաժանել է հենց այն պահին, երբ նրանք սիրում էին միմյանց։
 +
 +
― Աղաչում եմ ձեզ, գտեք նրան։ Իմացեք, որտեղ է նա։ Դուք ամեն տեղ լինում եք։ Դժվար չի լինի ձեզ համար։ Հաղորդեցեք, որ ես ուզում եմ տեսնել նրան։ Լսո՞ւմ եք։
 +
 +
Կարմիր վարտիկով թութակը, որ նիրհել էր թառի վրա, վախեցավ աղմկոտ խոսակցությունից, շուռ եկավ գլխի վրա և այդ վիճակում քարացավ։
 +
 +
― Ելենա Ստանիսլավովնա, ― ասաց փականագործ֊մեխանիկը, վեր կենալով և ձեռքը կրծքին սեղմելով, ― ես կգտնեմ նրան և կկապվեմ հետը։
 +
 +
― Գուցե էլի՞ կոմպոտ ուզենայիք, ― հուզվեց գուշակուհին։
 +
 +
Վիկտոր Միխայլովիչը կերավ կոմպոտը, քինոտ զեկուցում կարդաց թութակի վանդակի սխալ կառուցվածքի մասին և հրաժեշտ տվեց Ելենա Ստանիսլավնովնային, խորհուրդ տալով նրան խիստ գաղտնի պահել այդ ամենը։
 +
 +
 +
==Այբենական ցանկ՝ «Կյանքի հայելին»==
 +
 +
 +
Կոմպանյոնները երկրորդ օրը համոզվեցին, որ այլևվս անհարմար է ապրել դռնապանի սենյակում։ Տիխոնը փնթփնթում էր՝ բոլորովին շշմած այն բանից հետո, երբ աղային տեսավ նախ սևաբեղ, հետո կանաչաբեղ, իսկ վերջում բոլորովին անբեղ։ Քնելու տեղ չկար։ Դռնապանի սենյակում նեխվող գոմաղբի հոտ էր կանգնած, որ տարածում էին Տիխոնի նոր վալենկաները։ Հին վալենկաները դրված էին անկյունում և նույնպես չէին «օզոնավորում» օդը։
 +
 +
― Հուշերի երեկոն համարում եմ փակված, ― ասաց Օստապը, ― պետք է տեղափոխվել հյուրանոց։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ցնցվեց։
 +
 +
― Այդ մեկը չի կարելի։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Այնտեղ ստիպված ենք գրանցվել։
 +
 +
― Անձնագիրը կարգին վիճակում չէ՞։
 +
 +
― Ոչ, անձնագիրը կարգին է, բայց քաղաքում լավ ծանոթ են իմ ազգանվանը։ Ասեկոսներ կսկսվեն։
 +
 +
Կոնցեսիոներները մտախոհ լռեցին։
 +
 +
― Իսկ ձեզ դո՞ւր է գալիս Միխելսոն ազգանունը, ― անսպասելիորեն հարցրեց Օստապը։
 +
 +
― Ո՞ր Միխելսոնը։ Սենա՞տոր։
 +
 +
― Ո՛չ։ Խորառծառի միության անդամը։
 +
 +
― Ես ձեզ չեմ հասկանում։
 +
 +
― Տեխնիկական ունակությունների բացակայությունից է դա։ Աստծու գառ մի եղեք։
 +
 +
Բենդերը կանաչ պիջակի գրպանից հանեց պրոֆմիության գրքույկը և հանձնեց Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Կոնրադ Կարլովիչ Միխելսոն, քառասունութ տարեկան, անպարտիական, ամուրի, միության անդամ 1921 թվականից, վերին աստիճանի բարոյական անձնավորություն, իմ լավ ծանոթը, կարծեմ երեխաների բարեկամ․․․ Բայց դուք կարող եք բարեկամություն չանել երեխաների հետ․ միլիցիան այդ չի պահանջում ձեզանից։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կարմրեց։
 +
 +
― Բայց հարմա՞ր է արդյոք։
 +
 +
― Մեր կոնցեսիայի հետ համեմատած այդ արարմունքը, թեպետև նախատեսված է Քրեական օրենսգրքով, այնուամենայնիվ մանկական մուկն ու կատուն խաղի անմեղ տեսքը ունի։
 +
 +
Վորոբյանինովը այնուամենայնիվ դեմ ընկավ։
 +
 +
― Դուք իդեալիստ եք, Կոնրադ Կառլովիչ։ Ձեր բախտը դեռ բանել է, թե չէ, պատկերացրեք, հանկարծ ու ստիպված լինեիք կոչվել Պապա֊Խրիստոզոպուլո կամ Զլովունով։
 +
 +
Անմիջապես համաձայնություն կայացավ, և կոնցեսիոներները, առանց հրաժեշտ տալու Տիխոնին, դուրս եկան փողոց։
 +
 +
Նրանք կանգ առան «Սորբանա» կահավորված սենյակներում։ Օստապը իրարանցման մեջ գցեց հյուրանոցի սպասավորների ողջ սակավաթիվ անձնակազմը։ Սկզբում նա դիտեց յոթռուբլիանոց համարները, բայց դժգոհ մնաց նրանց կահավորումից։ Հինգռուբլիանոց համարների կահավորությունն ավելի հավանեց, բայց գորգերը մի տեսակ խունացած էին և նրանց հոտը վրդովեցնում էր։ Երեք ռուբլիանոց համարներում ամեն բան լավ էր, բացի նկարներից։
 +
 +
― Ես չեմ կարող բնանկարների հետ միասին մի անկյունում ապրել, ― ասաց Օստապը։
 +
 +
― Ստիպված եղան բնակություն հաստատել մի ռուբլի ութսուն կոպեկանոց սենյակում։ Այնտեղ ոչ բնանկար կար, ոչ գորգեր, իսկ կահավորումը խիստ զուսպ էր․ երկու մահճակալ և գիշերվա փոքրիկ սեղան։
 +
 +
― Քարե դարի ոճ, ― նկատեց Օստապը գոհունակությամբ։ ― Իսկ սավանների մեջ նախապատմական կենդանիներ չկա՞ն։
 +
 +
― Նայած սեզոնին, ― պատասխանեց խորամանկ միջանցքի հերթապահը, ― եթե, օրինակի համար, որևէ նահանգական համագումար է, իհարկե, չեն լինում, որովհետև ուղևորներ շատ են լինում և դրանից առաջ մեծ մաքրում է տեղի ունենում։ Իսկ մնացած ժամանակ իսկապես պատահում է, որ վրա են տալիս։ Հարևան «Լիվադիայի» համարներից։
 +
 +
Նույն օրն էլ կոնցեսիոներները եղան Ստարկոմունխոզում, որտեղ ստացան անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Պարզվեց, որ բնակբաժինը լուծվել է 1921 թվականին և նրա ընդարձակ արխիվը ձուլվել է Ստարկոմունխոզի արխիվի հետ։
 +
 +
Մեծ կոմբինատորը անցավ գործի։ Իրիկվա կողմ կոմպանյոններն արդեն գիտեին արխիվի վարիչ, նախկին քաղաքապետի գրաենյակի աստիճանավոր, այժմ գրասենյակային աշխատանքի մշակ Վատֆոլոմեյ Կորոբեյնիկովի տան հասցեն։
 +
 +
Օստապը հագավ գարուսե ժիլետը, մահճակալի մեջքին թափ տվեց պիջակը, ներկայացուցչության համար մի ռուբլի քսան կոպեկ պահանջեց Իպոլիտ Մատվեևիչից և գնաց այցելելու արխիվարիուսին։ Իպոլիտ Մատվեևիչը մնաց «Սորբոնում» և սկսեց հուզված անցուդարձ անել երկու մահճակալների արանքում ընկած կիրճի մեջ։ Այդ կանաչ ու ցուրտ երեկոյին ողջ ձեռնարկության բախտն էր վճռվում։ Եթե հաջողվի ձեռք բերել օրդերների պատճեները, որոնցով բաշխվել են Վորոբյանինովի առանձնատնից վերցրած կահույքը, գործը կարելի է համարել կիսով չափ հաջողված։ Առջևում, իհարկե, աներևակայելի դժվարություններ կային, բայց թելն արդեն ձեռքներում կլիներ։
 +
 +
― Միայն թե օրդերները ճարվեն, ― շշնջում էր Իպոլիտ Մատվեևիչը, փռվելով անկողնուն, ― միայն թե օրդերները․․․
 +
 +
Ճխլտված ներքնակի զպանակները լվերի պես կծում էին նրան։ Նա այդ չէր զգում։ Նա դեռ պարզ չէր պատկերացնում, թե օրդերներն ստանալուց հետո ինչ է լինելու, բայց համոզված էր, որ ամեն ինչ կգնա հալած յուղի պես․ «Իսկ յուղով, ― չգիտես ինչու պտտվում էր նրա գլխում, ― խաշիլը չես փչացնի»։
 +
 +
Մինչդեռ մեծ խաշիլ էր եփվում։ Վարդագույն երանգներով համակված Իպոլիտ Մատվեևիչը շուռ ու մուռ էր գալիս մահճակալի վրա։ Նրա տակի զսպանակները մայում էին։
 +
 +
Օստապն ստիպված եղավ ողջ քաղաքը ոտքի տակ տալ։ Կորոբեյնիկովը ապրում էր Գուսիշչեում ― Ստարգորոդի ծայրամասում։
 +
 +
Այնտեղ ապրում էին առավելապես երկաթուղայինները։ Երբեմն տներից բարձր, բետոնե բարակ ցանկապատով բաժանված թմբի վրայով, ետընթաց անցնում էր փնչացող շոգեքարշը։ Տների կտուրները մի վայրկյան լուսավորվում էին շոգեքարշի հնոցի բոցկլտուն կրակից։ Երբեմն արագ սլանում էին դատարկ վագոններ, երբեմն ճայթռուկներ էին պայթում։ Խրճիթների և ժամանակավոր բարաքների արանքում ձգվում էին դեռ խոնավ կոոպերատիվ տների երկար աղյուսաշեն կորպուսները։
 +
 +
Օստապն անցավ լուսավոր կղզին՝ երկաթուղայինների ակումբը, թղթով ստուգեց հասցեն և կանգ առավ արխիվարիուսի դռան առջև։ Նա պտտեցրեց զանգը, որի վրա ցցուն տառերով գրված էր՝ «Խնդրում եմ պտտել»։
 +
 +
«Ո՞ւմ մոտ», «ի՞նչ գործով» ― երկար հարցուփորձից հետո դուռը բաց արին, և նա հայտնվեց մութ, պահարաններով լեցուն նախասրահում։ Մթության մեջ մեկը շնչում էր Օստապի դեմքին, բայց ոչինչ չէր ասում։
 +
 +
― Ո՞ւր է այստեղ քաղաքացի Կորոբեյնիկովը, ― հարցրեց Բենդերը։
 +
 +
Շնչող մարդը բռնեց Օստապի ձեռքից և տարավ նավթի կախովի լամպով լուսավորված ճաշասենյակը։ Օստապն առջևում տեսավ մի փոքրիկ ծերունու ― անասելի ճկուն մեջքով մի մաքրասերի։ Կասկած չկար, որ այդ ծերուկը հենց ինքը քաղաքացի Կորոբեյնիկովն էր։ Օստապն առանց հրավերի մոտ քաշեց աթոռը և նստեց։
 +
 +
Ծերուկը անվախ նայում էր ինքնագլուխ մարդուն և լռում։ Օստապն առաջինը սկսեց սիրալիր խոսակցությունը․
 +
 +
― Ես ձեզ մոտ գործով եմ եկել։ Դուք ծառայում եք Ստարկոմունխոզի արխիվո՞ւմ։
 +
 +
― Ծերուկի մեջքը շարժվեց և դրականորեն կռացավ։
 +
 +
― Իսկ առաջ ծառայում էինք բնակբաժնո՞ւմ։
 +
 +
― Ամեն տեղ էլ ծառայել եմ, ― զվարթ ասաց ծերուկը։
 +
 +
― Նույնիսկ քաղաքապետի գրասենյակո՞ւմ։
 +
 +
Այդ ասելով Օստապը նազելիորեն ժպտաց։ Ծերուկի մեջքը երկար ժամանակ գալարվում էր և, վերջապես, կանգ առավ մի դիրքով, որը վկայում էր, թե քաղաքապետության մեջ ծառայելը վաղուցվա բան է, և որ ամեն ինչ հիշելը միանգամայն անհնարին բան է։
 +
 +
― Բայց և այնպես թույլ տվեք իմանալ, ինչո՞վ եմ պարտական, ― հարցրեց տանտերը, հետաքրքրությամբ նայելով հյուրին։
 +
 +
― Թույլ կտամ, ― պատասխանեց հյուրը։ ― Ես Վորոբյանինովի տղան եմ։
 +
 +
― Այդ ո՞ր։ Պարագլխի՞։
 +
 +
― Նրա։
 +
 +
― Բա նա կենդանի՞ է։
 +
 +
― Մեռել է, քաղաքացի Կորոբեյնիկով։ Հանգչել է։
 +
 +
― Հա՜, ― առանձնապես չվշտանալով ասաց ծերուկը, ― տխուր դեպք է։ Բայց ախր, կարծեմ նա երեխաներ չի ունեցել։
 +
 +
― Չի ունեցել, ― սիրալիր հաստատեց Օստապը։
 +
 +
― Բա էլ ո՞նց․․․
 +
 +
― Ոչինչ։ Ես մորգանատիկ ամուսնությունից եմ ծնվել։
 +
 +
― Հո Ելենա Ստանիսլավովնայի տղան չե՞ք։
 +
 +
― Այո։ Հենց նրա։
 +
 +
― Իսկ ինչպես է նրանց առողջությունը։
 +
 +
― Մամանը վաղուց գերեզմանումն է։
 +
 +
― Այդպես, այդպես, ա՛խ, ի՜նչ տխուր բան։
 +
 +
Եվ ծերուկը դեռ երկար ժամանակ կարեկցանքի արցունքներով նայում էր Օստապին, թեև հենց այսօր առավոտյան Ելենա Ստանիսլավնովային տեսել էր շուկայում՝ մսավաճառների շարքում։
 +
 +
― Բոլորն էլ մեռնում են, ― ասաց նա։ ― Բայց և այնպես թույլ տվեք իմանալ, ի՞նչ գործով եք եկել, հարգելի, այ ձեր անունը չգիտեմ․․․
 +
 +
― Վոլդեմար, ― արագ վրա բերեց Օստապը։
 +
 +
― Վլադիմիր Իպոլիտովի՞չ։ Շատ լավ։ Այդպես։ Ես ձեզ լսում եմ, Վլադիմիր Իպոլիտովիչ։
 +
 +
Ծերուկը նստեց նախշավոր մոմլաթով ծածկված սեղանի մոտ, և ակնապիշ նայեց Օստապի աչքերի մեջ։
 +
 +
Օստապը պատշաճ խոսքերով իր տխրությունը հայտնեց ծնողների կորստյան առթիվ։ Նա շատ է ցավում, որ այսպես ուշ ներխուժեց մեծարգո արխիվարիուսի բնակարանը և իր այցելությամբ անհանգստություն պատճառեց նրան, բայց հուսով է, որ մեծարգո արխիվարիուսը կների, երբ իմանա, թե ինչ զգացմունք է մղել նրան այդ քայլն անելու։
 +
 +
― Ես կուզենայի, ― անասելի որդիական սիրով վերջացրեց Օստապը, ― որևէ բան գտնել հայրիկիս կահույքից, նրա հիշատակը պահելու համար։ Դուք չգիտե՞ք արդյոք, թե ումն է հանձնված հորս տան կահույքը։
 +
 +
― Բարդ բան է, ― պատասխանեց ծերուկը փոքր֊ինչ մտածելուց հետո, ― միայն ապահովված մարդու ուժը կպատի դրան․․․ Իսկ դուք, ներեցեք, ինչո՞վ եք զբաղվում։
 +
 +
― Ազատ զբաղմունք։ Արտելային սկզբունքներով սեփական մսասառցասպանդանոց ունեմ Սամարայում։
 +
 +
Ծերուկը տարակուսանքով նայեց երիտասարդ Վորոբյանինովի կանաչ հանդերձանքին, բայց չառարկեց։
 +
 +
«Ճարպիկ երիտասարդ է եղել», ― անցավ նրա մտքով։
 +
 +
Օստապը, որ այդ միջոցին ավարտել էր Կորոբեյնիկովին տնտղելը, որոշեց, որ «ծերուկը տիպիկ սրիկա է»։
 +
 +
― Այդպես ուրեմն, ― ասաց Օստապը։
 +
 +
― Այդպես ուրեմն, ― ասաց արխիվարիուսը, ― դժվար է, բայց հնարավոր․․․
 +
 +
― Ծա՞խս է պահանջում, ― օգնեց մսասառցասպանդանոցի տերը։
 +
 +
― Մի փոքր գումար․․․
 +
 +
― Ավելի մոտ մարմնին,<ref>Բառախաղ «дело ևтело» բառերի։</ref> ինչպես ասում էր Մոպասանը։ Տեղեկությունները կվարձատրվեն։
 +
 +
― Ինչ կա որ, յոթանասուն ռուբլի դրեք մեջտեղ։
 +
 +
― Ինչո՞ւ այդպես շատ։ Գարին թանկացե՞լ է։
 +
 +
Ծերուկը ցնցվեց մանր դողով, խաղացնելով ողնաշարը։
 +
 +
― Բարեհաճում եք կատակել․․․
 +
 +
― Համաձայն եմ, պապաշա։ Օրդերների դիմաց փող։ Ե՞րբ կարելի է անցնել։
 +
 +
― Փողը մոտնե՞րդ է։
 +
 +
Օստապը պատրաստակամությամբ թփթփացրեց գրպանին։
 +
 +
― Այդ դեպքում թեկուզ հենց հիմա, ― հանդիսավոր կերպով ասաց Կորոբեյնիկովը։
 +
 +
Նա վառեց մոմը և Օստապին առաջնորդեց հարևան սենյակը։ Այնտեղ բացի մահճակալից, որի վրա հավանորեն տանտերն էր քնում, կար մի գրասեղան՝ վրան հաշվապահական գրքեր, և գրասենյակային երկար մի պահարան՝ բաց դարակներով։ Դարակների կողերին փակցված էին տպագիր տառեր А, Б, В և այլն, մինչև արիերգարդային Я տառը։ Դարակներում դրված էին բարակ, նոր թոկով կապկպած օրդերների կապոցներ։
 +
 +
― Օհո՜, ― հիացած բացականչեց Օստապը։ ― Լրիվ տնական արխիվ է։
 +
 +
― Միանգամայն լրիվ, ― համեստորեն պատասխանեց արխիվարիուսը։ ― Ես, գիտեք, համենայն դեպս․․․ Կոմունխոզին սա պետք չէ, իսկ ինձ օր ծերության կարող է պետք գալ․․․ Ապրում ենք, գիտեք էլի, ոնց որ հրաբուխի վրա․․․ ամեն ինչ կարող է պատահել․․․ Այն ժամանակ մարդիկ կնետվեն դես ու դեն՝ իրենց կահույքը գտնելու, իսկ որտե՞ղ է այդ կահույքը։ Ահա թե որտեղ է։ Այստեղ են նրանք։ Պահարանում։ Իսկ ո՞վ է պահել֊պահպանել։ Կորոբե՛յնիկովը։ Եվ ահա պարոնայք շնորհակալություն կասեն ծերուկին, կօգնեն օր ծերությայն․․․ Իսկ ինձ շատ բան հարկավոր չէ․․․ մի֊մի տասանոց կտան ամեն օրդերի դիմաց ― շնորհակալ կլինեմ․․․ Թե չէ՝ գնա փորձիր ու դաշտում քամի գտիր։ Առանց ինձ չեն գտնի։
 +
 +
Օստապը հիացած նայում էր ծերուկին։
 +
 +
― Հրա՜շք գրասենյակ է, ― ասաց նա, ― լրիվ մեխանիզացիա։ Դուք ուղղակի աշխատանքի հերոս եք։
 +
 +
Շոյված արխիվարիուսը հյուրին իրազեկ դարձրեց սիրած գործի մանրամասնություններին։ Նա բացեց հաշվառման և բաշխման հաստ գրքերը։
 +
 +
― Ամեն ինչ այստեղ է, ― ասաց նա, ― բովանդակ Ստարգորոդը։ Բոլոր կահ֊կարասիները։ Ումնից երբ է վերցված, ում երբ տրված։ Իսկ սա էլ այբբենական գիրքն է, կյանքի հայելին։ Ո՞ւմ կահույքն է ձեզ հետաքրքրում։ Առաջին գիլդիայի վաճառական Անգելո՞վի։ Խնդրեմ։ Նայեցեք Ա տառին։ Ա տառը, ԱԿ, ԱՄ, ԱՆ, Անգելով․․․ Համա՞րը։ Ահա՝82742: Այժմ դեսը տուր հաշվառման գիրքը։ Էջ 142։ Ո՞ւր է Անգելովը։ Ահա անգելովը։ 1918 թվականի դեկտեմբերի 18֊ին Անգելովից վերցված է «Բեկկեր» դաշնամուր N97012, նրա հետ փափուկ աթոռակ, երկու գրասեղան, չորս գարդերոբ (երկուսը կարմրափայտ), մեկ շիֆոնյեր և այլն․․․ երեք գարդերոբը՝ «Արտույտ» մանկական գիշերօթիկին․․․ Եվս մի գարդերոբ՝ Ստարպրոդկոգուբի քարտուղարի անձնական տրամադրության տակ։ Իսկ դաշնամուրն ո՞ւր է գնացել։ Գնացել է Սոցապ, 2֊րդ տունը։ Մինչև հիմա էլ այնտեղ դաշնամուր կա․․․
 +
 +
― Ես այնտեղ ինչ֊որ այդպիսի դաշնամուր չտեսա», ― անցավ Օստապի մտքով, հիշելով Ալխենի ամոթխած դեմքը։
 +
 +
― Կամ, օրինակի համար, քաղաքային վարչության գրասենյակի կառավարիչ Մուրվինը․․․ Մ տառով է, ուրեմն պետք է փնտրել։ Ամեն ինչ այստեղ է։ Ամբողջ քաղաքը։ Դաշնամուրներ կան այստեղ, ամեն տեսակ բազմոցիկներ, տրյումոներ, բազկաթոռներ, գահավորակներ, փափկաթոռներ, ջահեր․․․ նույնիսկ սերվիզներ կան․․․
 +
 +
― Դե, ― ասաց Օստապը, ― անձեռնակերտ հուշարձան պետք է կանգնեցնել ձեզ։ Սակայն մոտենանք գործին։ Օրինակ Վ տառը։
 +
 +
Թող լինի Վ տառը, ― սիրով արձագանքեց Կորոբեյնիկովը։ ― Հիմա։ ՎՄ, ՎՆ, Վորիցկի, N 48238 Վորոբյանինով, Իպոլիտ Մատվեևիչ, ձեր հայրը, աստված հոգին լուսավորի, չինական պիտակված վազաներ՝ չորս, ֆրանսիական «Սևր» գործարանից, օբյուսսոն գորգեր՝ ութը, գոբելեն «Հովվուհի», մեկ, արջի խրտվիլակ՝ մատուցարանով՝ մեկ, ննջարանի գարնիտուր՝ տասնվեց տեղ, հյուրասենյակի գարնիտուր՝ տասնչորս տեղ, կաղնե փայտից, վարպետ Հաբսի շինած․․․
 +
 +
― Իսկ ո՞ւմ է բաժանված, ― անհամբեր հարցրեց Օստապը։
 +
 +
― Էս րոպեիս կիմանանք։ Մատուցարանով արջի խրտվիլակը՝ միլիցիայի երկրորդ քաղաքամաս։ «Հովիվ» գոբելենը՝ գեղարվեստական արժեքների ֆոնդ։ «Հովվուհի» գոբելենը՝ վոդնիկների ակումբ։ Թեքինի և խորասանի գորգերը՝ Արտաքին առևտրի ժողկոմատ։ Ննջարանի գարնիտուրը՝ որսորդների միություն, ճաշասենյակի գարնիտուրը՝ «Գլավչայ»֊ի Ստարգորոդյան բաժանմունք։ Հյուրասենյակի կաղնե գարնիտուրը՝ մասերով։ Կլոր սեղանն ու մի աթոռը՝ սոցապի 2-րդ տուն, ճկած մեջքով գահավորակը՝ բնակբաժնի տրամադրության տակ (մինչև օրս էլ նախասրահում դրված է, ամբողջ պաստառը յուղոտել են, սրիկաները), ևս մի աթոռ Գրիցացուևին, որպես իմպերիալիստական պատերազմի հաշմանդամի, նրա դիմումի և բնակբաժնի վարիչ ընկ․ Բուրկինի մակագրության համաձայն։ Տասը աթոռ՝ Մոսկվա, կահույքային վարպետության թանգարանին, Լուսժողկոմատի շրջաբերական֊նամակի համաձայն․․․ Չինական պիտակված վազաները․․․
 +
 +
― Գովում եմ, ― ասաց Օստապը ցնծալով, ― հանճարեղ բան է դա։ Լավ կլիներ օրդերներին էլ նայեինք։
 +
 +
― Հիմի, էս սհաթիս օրդերներն էլ կնայենք։ Վ տառի N 48238֊ը։
 +
 +
Արխիվարիուսը մոտեցավ պահարանին և, թաթերի վրա բարձրանալով, հանեց հարկավոր կապոցը։
 +
 +
― Հրե՛ս։ Ձեր հոր ամբողջ կահույքն էստեղ է։ Բոլո՞ր օրդերներն են ձեզ պետք։
 +
 +
― Բոլորն ի՞նչ եմ անում․․․ Այնպես․․․ Մանկության օրերի հիշողություններ՝ Հյուրասենյակի գարնիտուրը․․․ Հիշում եմ, խաղում էի հյուրասենյակում խորասանի գորգի վրա, «Հովվուհի» գոբելենին նայելով․․․ Լա՜վ ժամանակներ էին, ոսկյա մանկություն․․․ Եվ ահա, պապաշա, մենք կսահամանափակվենք հյուրասենյակի գարնիտուրով։
 +
 +
Արխիվարիուսը սիրով քանդեց կանաչավուն կտրոնների կապոցը և սկսեց փնտրել պահանջված օրդերները։ Կորոբեյնիկովը ջոկեց հինգ օրդեր։ Մեկը՝ տաս աթոռի, երկուսը՝ մեկական աթոռի, մեկը՝ կլոր սեղանի և մեկը «Հովվուհի» գոբելենի։
 +
 +
― Բարեհաճեցեք տեսնել։ Ամեն ինչ կարգին է։ Տեղը տեղին՝ ամեն բան պարզ է։ Կտրոնների վրա գրված են բոլոր հասցեները և ստացողի սեփական ստորագրությունը։ Այնպես որ ոչ ոք հարկ եղած դեպքում հրաժարվել չի կարող։ Միգուցե կուզենաք  և գեներաշա Պոպովայի՞ գարնիտուրը։ Շա՜տ լավն է։ Նույնպես Հարբսի աշխատանք․․․
 +
 +
Բայց Օստապը բացառապես ծնողների նկատմամբ տածած սիրո մղումով, ճանկեց օրդերները, կոխեց կողքի գրպանի խորքը, իսկ գեներաշայի գարնիտուրից հրաժարվեց։
 +
 +
― Կարելի՞ է ստացան գրել, ― հարցրեց արխիվաիուսը, ճարպկորեն կռանալով։
 +
 +
― Կարելի է, ― սիրալիր ասաց Բենդերը, ― գրեցե՛ք, գաղափարի մարտիկ։
 +
 +
― Կգրեմ ուրեմն։
 +
 +
― Հո՛ւպ տվեք։
 +
 +
Անցան առաջին սենյակը։ Կորոբեյնիկովը գեղեցիկ ձեռագրով գրեց ստացական և, ժպտալով, հանձնեց հյուրին։ Գլխավոր կոնցեսիոները արտասովոր քաղաքավարությամբ աջ ձեռքի երկու մատով վերցրեց թուղթը և դրեց նույն գրպանը, որտեղ արդեն դրված էին թանկարժեք օրդերները։
 +
 +
― Դե, առայժմ, ― ասաց նա աչքերը կկոցելով, ― կարծեմ ես բավականաչափ անհանգստացրի ձեզ։ Չեմ համարձակվում այլևս նեղություն պատճառել ձեզ իմ ներկայությամբ։ Ձեր ձեռքը, գրասենյակի կառավարիչ։
 +
 +
Շշմած արխիվաիուսը ալարկոտ սեղմեց իրեն մեկնած ձեռքը։
 +
 +
― Առայժմ, ― կրկնեց Օստապը։
 +
 +
Նա շարժվեց դեպի դուռը։
 +
 +
Կորոբեյնիկովը ոչինչ չհասկացավ։ Նա նույնիսկ նայեց սեղանին՝ հյուրը հո փող չի թողել այնտեղ, բայց սեղանի վրա էլ փող չկար։ Այդ ժամանակ արխիվարիուսը շատ կամաց հարցրեց․
 +
 +
― Բա փո՞ղը։
 +
 +
― Ի՞նչ փող, ― ասաց Օստապը, դուռը բացելով։ ― Դուք, կարծեմ, ինչ֊որ փողի մասի՞ն էիք հարցնում։
 +
 +
― Բա ո՞նց։ Կահույքի, օրդերների դիմաց։
 +
 +
― Հոգյա՜կս, ― ծոր տվեց Օստապը, ― աստված վկա, բայց չկա, մոռացել եմ վերցնել ընթացիկ հաշվից։
 +
 +
Ծերուկը դողաց և առաջ պարզեց նիհար ձեռքը, ցանկանալով բռնել գիշերվա այցելուին։
 +
 +
― Կամա՛ց, հիմար, ― ասաց Օստապը սպառնալից, ― քեզ ասում են ռուսերեն լեզվով՝ վաղը, նշանակում է վաղը։ Դե, առայժմ։ Նամակ գրեք․․․
 +
 +
Դուռը շրխկալով փակվեց։ Կորոբեյնիկովը նորից բացեց այն և դուրս վազեց փողոց, բայց Օստապն արդեն չկար։ Նա արագ քայլում էր կամրջի մոտով։ Ուղեկամուրջով անցնող լոկոմոտիվը լուսավորեց նրան իր կրակներով ու ծխի մեջ կորցրեց։
 +
 +
― Սառույցը շարժվեց, ― բղավեց Օստապը մեքենավարին։ ― Սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։
 +
 +
Մեքենավարը չլսեց, ձեռքը թափահարեց, մեքենայի անիվները ավելի ուժեղ ձգեցին ծուռ առանցքակալների երկաթյա արմունկները, և շոգեքարշը սլացավ։
 +
 +
Կորոբեյնիկովը մի երկու րոպե կանգնեց ցուրտ քամուն և, գարշելիորեն զազրախոսելով, վերադարձավ իր տնակը։ Անտանելի վիշտ պատեց նրան։ Նա կանգնեց սենյակի մեջտեղը և կատաղությունից սկսեց քացով տալ սեղանին։ Կրկնակոշիկի ձև ունեցող «Տրեուգոլնիկ» մակագրությամբ մոխրամանը վեր֊վեր էր թռչում և բաժակը չրխկում էր ջրամանի հետ։
 +
 +
Վարֆոլոմեյ Կորոբեյնիկովը դեռ երբեք այդպես ստոր կերպով խաբված չէր եղել։ Ինքը կարող էր ուզած մարդուն խաբել, բայց այս դեպքում իրեն խաբեցին այնպես հանճարեղ պարզությամբ, որ նա դեռ երկար ժամանակ կանգնել֊մնացել էր՝ ճաշասեղանի հաստ ոտքերին թակելով։
 +
 +
Գուսիշչեում Կորոբեյնիկովին Վարֆոլոմեիչ էին կոչում։ Միայն ծայրահեղ կարիքի դեպքում էին դիմում նրան։ Վարֆոլոմեիչը իբրև գրավ իրեր էր վերցնում և մարդակերի տոկոսներ նշանակում։ Մի քանի տարի է, ինչ նա զբաղվում էր դրանով և դեռ ոչ մի անգամ չէր խաբվել։ Իսկ հիմա նա վառվեց առևտրական իր լավագույն ձեռնարկությունից, որից մեծ օգուտներ և ապահովված ծերություն էր սպասում։
 +
 +
― Հանա՞ք բան է, ― բղավեց նա, հիշելով կորած օրդերները։ ― Սրանից հետո՝ փողը միայն առաջուց։ Եվ ո՞նց ես այս անգամ սխալվեցի։ Սեփական ձեռքերովս տվեցի հյուրասենյակի կաղնե գարնիտուրը․․․ Միայն «Հովվուհի» գոբելենն ի՜նչ ասես արժեր։ Ձեռքի աշխատանք․․․
 +
 +
Ինչ֊որ մեկի անվստահ ձեռքը վաղուց արդեն պտտեցնում էր «խնդրում եմ պտտել» զանգը, և Վարֆոլոմեիչը դեռ չէր հասցրել հիշելու, որ մուտքի դուռը բաց է մնացել, երբ նախասենյակում ծանր դղրդոց լսվեց և պահարանների լաբիրինթոսում մոլորված մարդու ձայնը կոչեց․
 +
 +
― Ո՞ւր մտնեմ այստեղ։
 +
 +
Վարֆոլոմեիչը դուրս եկավ նախասրահ, դեպի իրեն քաշեց մեկի վերարկուն (շոշափելով՝ դրապ) և ճաշասենյակ տարավ տեր Ֆյոդորին։
 +
 +
― Մեծահոգաբար ներեցեք, ― ասաց տեր Ֆյոդորը։
 +
 +
Տասը րոպեի փոխադարձ թերասությունից և խորամանկությունից հետո պարզվեց, որ քաղաքացի Կորոբեյնիկովն իրոք ինչ֊որ տեղեկություններ ունի Վորոբյանինովի կահույքի մասին, իսկ տեր Ֆյոդորը չի հրաժարվում վճարել այդ տեղեկությունների համար։ Բացի այդ, ի մեծ հաճույս արխիվարիուսի, այցելուն դուրս եկավ նախկին պարագլխի հարազատ եղբայրը և բուռն ցանկություն ուներ պահպանել նրա հիշատակը՝ հյուրասենյակի կաղնե գարնիտուրը ձեռք բերելով։ Այդ գարնիտուրի հետ կապված էին Վորոբյանինովի եղբոր պատանեկության ամենաջերմ հիշողությունները։
 +
 +
Վարֆոլոմեիչը պահանջեց հարյուր ռուբլի։ Այցելուն եղբոր հիշատակը շատ ավելի ցած էր գնահատում՝ երեսուն ռուբլի։ Համաձայնության եկան հիսուն ռուբլով։
 +
 +
― Փողը կխնդրեի առաջուց, ― հայտարարեց արխիվարիուսը, ― դա իմ սկզբունքն է։
 +
 +
― Իսկ ոչի՞նչ, եթե ոսկյա տասանոցներով տամ, ― շտապեց տեր Ֆյոդորը, պիջակի աստառը պատռելով։
 +
 +
― Կուրսով կընդունեմ։ Ինն ու կես ռուբլով։ Էսօրվա կուրսն է։
 +
 +
Վոստրիկովը հինգ դեղին ոսկի հանեց երշիկից, վրան ավելացրեց երկուս ու կես ռուբլի արծաթ և այդ ամբողջ կույտը մոտեցրեց արխիվարիուսին։ Վարֆոլոմեիչը երկու անգամ հաշվեց դրամը, լցրեց բուռը, խնդրեց հյուրին մի րոպե սպասել և գնաց օրդերները բերելու։ Իր գաղտնի գրասենյակում Վարֆոլոմեիչը երկար ու բարակ չմտածեց, բաց արեց այբբենական ցանկի՝ կյանքի հայելու Պ տառը, արագ գտավ պահանջված համարը և դարակից հանեց գեներալշա Պոպովայի օրդերների կապոցը։ Բացելով կապոցը, Վարֆոլոմեիչը նրա միջից ջոկեղ Հաբսի գործարանի տասներկու կաղնե այն աթոռների օրդերը, որ տվել էին Վինոգրադնայա փողոցի N 34֊ում ապրող ընկ․ Բրունսին։ Զարմանալով իր հնարամտության և տակից դուրս գալու կարողության վրա, արխիվարիուսը քմծիծաղ տվեց և օրդերները տարավ գնորդին տալու։
 +
 +
― Բոլորը մի տե՞ղ են, ― բացականչեց գնորդը։
 +
 +
― Տեղը տեղին։ Բոլորն էլ այնտեղ են։ Հիանալի գարնիտուր է։ Մատերդ կլպստեք։ Ասենք՝ ինչ հարկ կա բացատրելու։ Ինքներդ լավ գիտեք։
 +
 +
Տեր Ֆյոդորը երկար ժամանակ ոգևորված թափահարում էր արխիվարիուսի ձեռքը և, բազում անգամներ դիպչելով նախասրահի պահարաններին, դուրս վազեց գիշերային խավարի մեջ։
 +
 +
Վարֆոլոմեիչը դեռ երկար ծիծաղում էր հիմարացած գնորդի վրա։ Ոսկե տասնոցները իրար կողքի դրեց սեղանին և երկար ժամանակ քունը գլխին նստած նայում էր շողշողուն հինգ կլորակներին։
 +
 +
«Եվ ինչո՞ւ են բոլորն էլ Վորոբյանինովի կահույքի ետևից ընկել, ― մտածեց նա։ ― Խելքները կորցրել են»։
 +
 +
Նա հանվեց, անուշադիր աղոթեց աստծուն, պառկեց օրիորդական նեղլիկ անկողնին և մտահոգ քնեց։
 +
 +
 +
==Կրակոտ կին ― երազանքը պոետի==
 +
 +
 +
Գիշերվա ընթացքում ցուրտը սպառվեց առանց մնացորդի։ Այնպես է տաքացել, որ վաղ առավոտվա անցորդների ոտքերը նվվում էին։ Ճնճուղներն ինչ անհեթեթություն ասես դուրս էին տալիս։ Նույնիսկ խոհանոցից բակ դուրս եկած հավը ուժերի հորդում զգաց և փորձեց թռչել։ Ամպի մանր խմորագնդիկներ կային երկնքում, աղբարկղից մանուշակի և գեղջկական ապուրի հոտ էր գալիս։ Քամին նվաղում էր քիվերի տակ։ Կատուները պառկել էին կտուրին և,  ներողամտաբար աչքերը կկոցելով նայում էին բակին, որի միջով անցնում էր միջանցքի հերթապահ Ալեքսանդրը՝ մի հակ կեղտոտ սպիտակեղենով։
 +
 +
«Սորբոնի» միջանցքներում աղմկում էին։ Գավառներից տրամվայի բացմանը պատգամավորներ էին եկել։ «Սորբոնա» ցուցանակով հյուրանոցային լինեյկայից ցած իջավ պատգամավորների մի ամբողջ խումբ։
 +
 +
Արևը տաքացնում էր որքան ուժ ուներ։ Խանութների երկաթյա գալարավարագույրները վեր էին թռչում։ Բամբակե վերարկուներով ծառայության դուրս եկած սովաշխատողները շնչասպառ էին լինում, արձակում էին կոճակները, զգալով գարնան ծանրությունը։
 +
 +
Կոոպերատիվային փողոցում պայթել էր Մելստրոյի չափից ավելի բարձած բեռնատարի զսպանակը և պատահարի վայրը եկած Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը խորհուրդներ էր տալիս։
 +
 +
Գործարար շքեղությամբ կահավորված համարում (երկու մահճակալ և գիշերվա սեղանիկ) լսվում էր ձիու խռմփոց և վրնջյուն․ Իպոլիտ Մատվեևիչը ուրախ֊զվարթ լվացվում և քիթն էր մաքրում։ Մեծ կոմբինատորը պառկել էր անկողնում, զննելով կոշիկների վնասվածքները։
 +
 +
― Ի դեպ, ― ասաց նա, ― խնդրում եմ պարտքը մարել։
 +
 +
― Իպոլիտ Մատվեևիչը դուրս պրծավ երեսսրբիչի միջից և չռած, անպենսնե աչքերով նայեց կոմպանյոնին։
 +
 +
― Ի՞նչ եք ինձ վրա նայում, ինչպես զինվորը ոջիլին։ Ի՞նչը ձեզ զարմացրեց։ Պա՞րտքը։ Այո՛։ Դուք ինձ փող եք պարտք։ Երեկ ես մոռացա ձեզ ասել, որ օրդերների դիմաց ձեր լիազորության համաձայն վճարել եմ յոթանասուն ռուբլի։ Ընդսմին կցում եմ ստացականը։ Փոխադրեցեք ինձ երեսունհինգ ռուբլի։ Հուսով եմ, կոնցեսիոներները հավասար հիմունքներով են մասնակցում ծախքերին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը դրեց պենսնեն, կարդաց ստացականը և, տառապելով տվեց փողը։ Բայց դա ևս չէր կարող մթագնել նրա ուրախությունը։ Հարստությունը ձեռքումն էր։ Երեսունռուբլիանոց ավազահատիկը չքացավ ադամանդյա լեռան ճաճանչների մեջ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը պայծառ ժպիտով դուրս եկավ միջանց և սկսեց զբոսնել։ Թանկարժեք հիմքի վրա կառուցված նոր կյանքի պլանները հաճույք էին պատճառում նրան։ «Բա հայր սո՞ւրբը, ― մտովին չարախնդում էր նա։ ― Հիմարը հիմար էլ մնաց։ Նա աթոռ չի տեսնի, ինչպես իր մորուքը»։
 +
 +
Հասնելով մինչև միջանցքի վերջը, Վորոբյանինովը շուռ եկավ։ Սպիտակ ճաքճքած N 13 դուռը բացվեց և ուղիղ նրան ընդառաջ եկավ տեր Ֆյոդորը՝ փարթամ ծոպեր ունեցող թոկանման սև գոտի կապած կապույտ վերնաշապիկով։ Նրա բարի դեմքը ճապաղվել էր երջանկությունից։ Նա ևս միջանցք էր դուրս եկել զբոսնելու։ Ախոյանները մի քանի անգամ հանդիպեցին և, հաղթականորեն իրար նայելով, առաջ անցան։ Միջանցքի ծայրերում երկուսն էլ միանգամից շուռ էին գալիս ու նորից մոտենում իրար․․․ Իպոլիտ Մատվեևիչի կրծքում բերկրանք էր եռում։ Նույն զգացմունքն էր համակել և տեր Ֆյոդորին։ Պարտված թշնամուն ցավակցելու զգացմունքը համակել էր երկուսին։ Վերջապես, հինգերորդ ռեյսի ժամանակ, Իպոլիտ Մատվեևիչը չդիմացավ․
 +
 +
― Բարի աջողում, տեր հայր, ― ասաց նա անասելի քաղցրությամբ։
 +
 +
Տեր Ֆյոդորը հավաքեց աստծու պարգևած ողջ սարկազմը և պատասխանեց․
 +
 +
― Բարի լույս, Իպոլիտ Մատվեևիչ։
 +
 +
Թշնամիները բաժանվեցին։ Երբ նրանց ուղիները կրկին հանդիպեցին, Վորոբյանինովը նետեց․
 +
 +
― Ես հո չվնասեցի՞ ձեզ վերջին հանդիպման ժամանակ։
 +
 +
― Չէ, ինչու, շատ հաճելի հանդիպում էր, ― պատասխանեց ցնծացող տեր Ֆյոդորը։
 +
 +
Նորից բաժանվեցին։ Տեր Ֆյոդորի սփաթը զայրացնել սկսեց Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Երևի այլևս պատարագ չե՞ք անում, ― հարցրեց նա հետևյալ հանդիպման պահին։
 +
 +
― Ի՜նչ անելու ժամանակն է։ Ծխականները լցվել են քաղաքները, գանձ են որոնում։
 +
 +
― Նկատեցեք՝ իրե՛նց գանձը։ Իրե՛նց։
 +
 +
― Ինձ հայտնի չէ, թե ում, միայն թե որոնում են։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ցանկանում էր որևէ գարշելի բան ասել և նույնիսկ բերանը բացեց այդ նպատակով, բայց ոչինչ հնարել չկարողացավ և ջղայնացած քայլերն ուղղեց դեպի իր համարը։ Մի րոպե անց այնտեղից դուրս եկավ թուրքահպատակի որդին՝ Օստապ Բենդերը, երկնագույն ժիլետով և, իր կոշիկի կապերը կոխկռտելով, գնաց դեպի Վոստրիկովը։ Տեր Ֆյոդորի այտերի վարդերը թոշնեցին ու մոխրացան։
 +
 +
― Հին իրե՞ր եք գնում, ― հարցրեց Օստապը սպառնալից։ ― Աթոռնե՞ր։ Փորոտի՞ք։ Վաքսի տուփե՞ր։
 +
 +
― Ի՞նչ եք կամենում, ― շշնջաց տեր Ֆյոդորը։
 +
 +
― Ես կամենում եմ հին շալվարս ծախել ձեզ։
 +
 +
Քահանան սառեց և ետ քաշվեց։
 +
 +
― Ինչ եք լռում, ինչպես հովվապետը ընդունելության պահին։
 +
 +
Տեր Ֆյոդորը դանդաղ քայլերն ուղղեց դեպի իր համար։
 +
 +
― Հին շորեր ենք գնում, նորերը գողանում, ― բղավեց Օստապը նրա ետևից։
 +
 +
Վոստրիկովը գլուխը ներս քաշեց և կանգ առավ իր դռների առջև։ Օստապը շարունակում էր ձեռք առնել․
 +
 +
― Բա ո՞նց է լինելու շալվարի բանը, պաշտամունքի մեծարգո սպասավոր։ Վերցնելո՞ւ եք։ Կան նաև ժիլետի թևքեր, բուբլիկի ծակ և սատկած էշի ականջներ։ Բոլորը մեկտեղ՝ էժան կլինի։ Եվ աթոռների մեջ էլ չեն դրանք, փնտրել պետք չէ։ Հը՞։
 +
 +
Դուռը փակվեց պաշտամունքի սպասավորի ետևից։
 +
 +
Օստապը գոհ, կոշիկի կապերը գորգին խփելով, դանդաղ վերադարձավ։ Երբ նրա մասիվ կերպարանքը բոլորովին հեռացավ, տեր Ֆյոդորը գլուխն անմիջապես դուրս հանեց դռնից և երկար զսպված զայրույթով ծվծվաց․
 +
 +
― Ի՛նքդ ես հիմար։
 +
 +
― Ի՞նչ, ― բղավեց Օստապը, ետ նետվելով, բայց դուռն արդեն փակ էր և միայն կողպեքը չխկաց։
 +
 +
Օստապը թեքվեց կողպեքի ծակին, ձեռնափը խողովակաձև դրեց բերանին և պարզորոշ ասաց․
 +
 +
― Ի՞նչ արժե ժողովրդի համար ափիոնը։
 +
 +
Դռան ետևում լուռ էին։
 +
 +
― Պապաշա, դուք տափակ մարդ եք, ― բղավեց Օստապը։
 +
 +
Նույն վայրկյանին փականածակից դուրս պրծավ ու դես ու դեն շարժվեց մի մատիտ, որի սույր ծայրով տեր Ֆյոդորը փորձում էր խայթել թշնամուն։ Կոնցեսիոները ժամանակին ընկրկեց և բռնեց մատիտից։ Դռնով բաժանված թշնամիները լուռ սկսեցին մատիտը քաշել ամեն մեկն իր կողմը։ Հաղթեց ջահելությունը, և մատիտը, ամբարիշտի պես համառելով դանդաղորեն դուրս սահեց փականածակից։ Օստապն այդ ռազմավարով վերդարձավ իր համարը։ Կոմպանյոններն է՛լ ավելի ուրախացան։
 +
 +
― Ու փախչում է թշնամին, փա՛խչում, փա՛խչում, փա՛խչում, ― երգեց Օստապը։
 +
 +
Մատիտի կողին գրչահատով վիրավորական մի խոսք փորագրեց, դուրս վազեց միջանցք և, մատիտը փականածակի մեջ մտցնելով, անմիջապես վերադարձավ։
 +
 +
Բարեկամները լույս աշխարհ հանեցին օրդերների կանաչ կտրոնները և սկսեցին հանգամանորեն ուսումնասիրել։
 +
 +
― «Հովվուհի» գոբելենի օրդերը, ― երազանքով ասաց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Ես այդ գոբելենը գնել եմ Պետերբուրգի մի անտիկվարից։
 +
 +
― Գրողի ծոցը հովվուհին, ― բղավեց Օստապը, օրդերը պատառոտելով։
 +
 +
― Կլոր սեղան․․․ Երևի գարնիտուրից է․․․
 +
 +
― Սեղանը դեսը տվեք։ Գրողի ծոցը սեղանը։
 +
 +
Մնաց երկու օրդեր․ մեկը՝ տաս աթոռի, որ տրված է Մոսկվայի կահույքի վարպետության թանգարանին, մյուսը՝ մեկ աթոռի, տրված ընկ․ Գրիցացուևին, Ստարգորոդում, Պլեխանովի փողոց, 15։
 +
 +
― Փող պատրաստեցեք, ― ասաց Օստապը, ― հնարավոր է, որ ստիպված լինենք Մոսկվա գնալ։
 +
 +
― Բայց չէ՞ որ այստեղ էլ աթոռ կա։
 +
 +
― Մեկ շանս տասի դիմաց։ Մաքուր մաթեմատիկա։ Այն էլ, եթե քաղաքացի Գրիցացուևը դրանով իր բուրժույկան վառած չլինի։
 +
 +
― Այդպիսի կատակներ մի արեք, պետք չէ։
 +
 +
― Ոչինչ, ոչինչ, լիբեր ֆատեր Կոնրադ Կարլովիչ Միխելսոն, կգտնենք։ Սրբազան գործ է։ Բատիստե փաթաթաններ կկրենք, Մարգո կրեմ կուտենք։
 +
 +
― Չգիտեմ ինչու ինձ թվում է, ― նկատեց Իպոլիտ Մատվեևիչը, ― թե թանկարժեք իրերը հենց այդ աթոռի մեջ են լինելու։
 +
 +
― Ախ, ձեզ թվո՜ւմ է։ Է՞լ ինչ է թվում ձեզ։ Ոչի՞նչ։ Դե լավ։ Աշխատենք մարքսիստորեն։ Տրամադրենք երկինքը թռչուններին, իսկ ինքներս դիմենք աթոռներին։ Ես տանջվում եմ Պլեխանովի փողոցում N 15 տանը ապրող իմպերիալիստական պատերազմի հաշմանդամ, քաղաքացի Գրիցացուևին շտապ տեսնելու ցանկությամբ։ Ետ մի մնացեք, Կոնրադ Կարլովիչ։ Պլան կկազմենք ճանապարհին։
 +
 +
Անցնելով տեր Ֆյոդորի դռան կողքով, թուրքահպատակի վրեժխնդիր զավակը քացահարեց ոտքով։ Համարից լսվեց հալածված մրցակցի թույլ մչնչյունը։
 +
 +
― Հանկարծ ու նա մեր ետևից գա, ― վախեցավ Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Զբոսանավի վրա ունեցած մինիստրների այսօրվա տեսակցությունից հետո ոչ մի մերձեցում հնարավոր չէ։ Նա ինձանից վախենում է։
 +
 +
― Բարեկամները վերադարձան իրիկվա կողմ միայն։ Իպոլիտ Մատվեևիչը մտահոգ էր։ Օստապը հրճվում էր։ Նա հագել էր մորեգույն նոր կոշիկներ, որոնց կրունկներին ամրացված էին ռետինե կլոր կրկնկատակեր, շախմատե նասկիներ՝ կանաչ ու սև վանդակներով, կրեմագույն կեպկա և ռումինական երանգի կիսամետաքսյա շարֆ։
 +
 +
― Աթոռը կա, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, վերհիշելով այրի Գրիցացուևայի մոտ այցելությունը, ― բայց ինչպե՞ս ձեռք բերենք այդ աթոռը։ Գնե՞նք։
 +
 +
― Ինչպե՜ս չէ, ― պատասխանեց Օստապը, ― չխոսելով միանգամայն անարտադրողական ծախսի մասին, դա առաջ կբերի ասեկոսներ։ Ինչո՞ւ մի աթոռ։ Ինչո՞ւ հենց այդ աթոռը։
 +
 +
― Հապա ի՞նչ անենք։
 +
 +
Օստապը սիրով տնտղեց նոր կոշիկների կրկնկամասերը։
 +
 +
― Շիք֊մոդեռն, ― ասաց նա։ ― Ինչ անե՞նք։ Մի հուզվեք, նախագահ, այդ գործարքը ես վերցնում եմ ինձ վրա։ Այս կոշիկների առջև ոչ մի աթոռ չի դիմանա։
 +
 +
― Չէ, գիտեք ինչ, ― աշխուժացավ Իպոլիտ Մատվեևիչը, ― երբ դուք խոսում էիք տիկին Գրիցացուևայի հետ հեղեղումների մասին, ես նստեցի մեր աթոռին և, ազնիվ խոսք, տակս ինչ֊որ կոշտ բան զգացի։ Նրանք այնտեղ են, աստված վկա, այնտեղ․․․ Դե տես, աստված վկա, ես զգում եմ։
 +
 +
― Մի հուզվեք, քաղաքացի Միխելսոն։
 +
 +
― Գիշերը պետք է գողանալ այն։ Աստված է վկա, գողանալ։
 +
 +
― Սակայն ազնվականության պարագլխի համար խիստ մանր մասշտաբներ են դրանք։ Իսկ այդ գործի տեխնիկան ծանո՞թ է ձեզ։ Միգուցե ձեր ճամպրուկի մեջ թաքցրած ունեք ճամփորդական ուղետուփ՝ կեռիկների հավաքածուով։ Դեն նետեք գլխներիցդ։ Դա տիպիկ պիժոնություն է ― կողոպտել խեղճ այրուն։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը սթափվեց։
 +
 +
― Ախր ուզում եմ շուտ լինի, ― ասաց նա աղերսորեն։
 +
 +
― Միայն կատուներն են շուտ ծնում, ― խրատական տոնով նկատեց Օստապը։ ― Ես ամուսնանում եմ նրա հետ։
 +
 +
― Ո՞ւմ հետ։
 +
 +
― Մադամ Գրիցացուևայի։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Որպեսզի հեշտ ու հանգիստ, առանց աղմուկի փորփորեմ աթոռը։
 +
 +
― Բայց չէ՞ որ դուք ձեզ կապում եք ընդմիշտ, ամբողջ կյանքում։
 +
 +
― Ինչ ասես որ չես անի՝ ի բարօրություն կոնցեսիայի։
 +
 +
― Ընդմի՜շտ, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը սաստիկ զարմացած ձեռքերը թափահարեց։ Նրա սափրած պաստորի դեմքը տարտղնեց։ Երևացին N քաղաքից մեկնելու օրվանից չմաքրված կապտավուն ատամները։
 +
 +
― Ընդմի՜շտ, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Դա մե՜ծ զոհաբերություն է։
 +
 +
― Կյա՜նք, ― ասաց Օստապը։ ― Զոհաբերությո՜ւն։ Ի՞նչ գիտեք կյանքի և զոհաբերության մասին։ Դուք կարծում եք, որ եթե ձեզ վտարել են առանձնատնից, ճանաչո՞ւմ եք կյանքը։ Եվ եթե բռնագրավել են ձեր չինական կեղծ վազան, ապա դա զոհաբերոթյո՞ւն է։ Կյանքը, պարոնայք երդվյալ ատենակալներ, շատ բարդ բան է, բայց, պարոնայք երդվյալ ատենակալներ, այդ բարդ բանը շատ հեշտ բացվում է՝ ինչպես արկղ։ Միայն պետք է կարողանալ բացել այն։ Ով բացել չի կարողանում, նա կորչում է։ Դուք լսե՞լ եք մենակյաց հուսարի մասին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը չէր լսել։
 +
 +
― Բուլանով։ Չե՞ք լսել։ Արիստոկրատիկ Պետերբուրգի հերոսը։ Հիմա կլսեք։
 +
 +
Եվ Օստապ Բենդերը Իպոլիտ Մատվեևիչին մի պատմություն արեց, որի զարմանալի սկիզբը հուզել էր բովանդակ բարձրաշխարհիկ Պետերբուրգը, իսկ շատ ավելի զարմանալի վախճանը կորսվել և բացարձակապես աննկատելի էր անցել բոլորի կողմից վերջին տարիներում։
 +
 +
 +
::::::::Մենակյաց հուսարի պատմությունը․․․
 +
 +
 +
Փայլուն հուսար, կոմս Ալեքսեյ Բուլանովը, ինչպես ճիշտ հաղորդեց Բենդերը, իսկապես որ արիստոկրատիկ Պետերբուրգի հերոսն էր։ Հոյակապ հեծելակի և քեֆ անողի անունը չէր իջնում անգլիական առափնյա պալատների խստաբարո բնակիչների շուրթերից և բարձրաշխարհիկ ժամանակագրության սյունակներից։ Պատկերազարդ ժուռնալների էջերում շատ հաճախ հայտնվում էր գեղեցկադեմ հուսարի լուսանկարը․ բրանդերբուրերով զարդարված և հատիկավոր կարակուլով եզրակարած կուրտկա, բարձրադիր լիզած քունքեր և հաղթական կարճ քիթ։
 +
 +
Կոմս Բուլանովի մասին համբավ էր տարածված, որ նա մասնակից է օրհասական ելք ունեցող բազում գաղտնի մենամարտերի, բարձր շրջանի ամենագեղեցիկ և ամենաանառակ տիկնանց հետ ունեցած ափաշկարա ռոմանների, հասարակության հարգարժան անձնավորությունների դեմ ունեցած խելացնոր արարքների և սրտառուչ քեֆերի, որոնք անխուսափելիորեն վերջանում էին ոչ զինվորականներին ծեծելով։
 +
 +
Կոմսը գեղեցիկ էր, երիտասարդ, հարուստ, սիրո մեջ բախտավոր, բախտավոր թղթախաղում և գույքի ժառանգման գործում։ Նրա ազգականները հաճախ էին մեռնում և նրանց ժառանգությունները ավելացնում էին հուսարի առանց այդ էլ վիթխարի կարողությունը։
 +
 +
Նա հանդուգն էր ու համարձակ։ Նա օգնում էր Հաբեշստանի նեգուս Մենելիքին՝ իտալացիների դեմ մղած նրա կռվում։ Սպիտակ թիկնոցի մեջ փաթաթված, նա նստում էր Հաբեշստանի մեծ աստղերի տակ, նայելով տեղանքի երքվերսատոնց քարտեզին։ Ջահերի լույսը երերուն ստվերներ էին գցում կոմսի լպստած քունքերին։ Ոտքերի տակ նստել էր նրա նոր ընկերը՝ հաբեշ տղա Վասկան։
 +
 +
Իտալական թագավորի զորքերը ջախջախելուց հետո կոմսը վերադարձավ Պետերբուրգ հաբեշ Վասկայի հետ միասին։ Պետերբուրգը հերոսին դիմավորեց ծաղիկներով և շամպայնով։ Կոմս Ալեքսեյը կրկին սուզվեց վայելքների անհոգ հորձանուտի մեջ, ինչպես այդ ասվում է բարձրաշխարհիկ վեպերում։ Նրա մասին սկսեցին խոսել կրկնապատիկ հիացմունքով, կանայք թունավորվում էին նրա պատճառով, տղամարդիկ նախանձում։ Միլիոննայա փողոցով սուրացող կոմսական կառքի հետնամասում անփոփոխ կանգնում է հաբեշը, իր սևությամբ և բարակ իրանով անցորդների հիացմունքը առաջացնելով։
 +
 +
Եվ հանկարծ ամեն ինչ վերջացավ։ Կոմս Ալեքսեյ Բուլանովը անհետացավ։ Իշխանուհի Բելառուսկո֊Բալտիյսկայան, կոմսի վերջին տենչանքի առարկան, անմխիթար վիճակումն էր։ Կոմսի անհետացումը մեծ աղմուկ հանեց։ Թերթերը լի էին ենթադրություններով։ Խուզարկուները հալից ընկել էին։ Բայց այդ ամենը ապարդյուն էր։ Կոմսի հետքերը չէին գտնվում։
 +
 +
Երբ աղմուկն արդեն հանդարտվելու վրա էր, ամեն ինչ բացատրող նամակ եկավ Ավերկիևյան մենաստանից։ Փայլուն կոմսը, արիստոկրատիկ Պետերբուրգի հերոսը, XIX դարի Վալտասարը սքեմ էր ընդունել։ Ահավոր մանրամասնություններ էին պատմում։ Ասում էին, թե վանական կոմսը մի քանի փութ կապանքներ է կրում, որ ֆրանսիական խոհանոցին ընտել այդ մարդը այժմ սնվում է միայն կարտոֆիլի կճեպով։ Ենթադրությունների մրրիկ բարձրացավ։ Ասում էին, թե կոմսի աչքին երևացել է մեռած մոր ուրվականը։ Կանայք լաց էին լինում։ Իշխանուհի Բելոռուսկո֊Բալտիսկայայի շքամուտքի առջև կառքերի շարաններ էին կանգնած։ Իշխանուհին իր ամուսնու հետ ցավակցություններ էին ընդունում։ Նոր լուրեր էին ծնվում։ Սպասում էին կոմսի վերադարձին։ Ասում էին, թե դա ժամանակավոր խելացնորություն է կրոնական հողի վրա։ Պնդում էին, թե կոմսը փախել է պարտքերից։ Պատմում էին, թե այդ ամենի մեղավորը դժբախտ սերն է։
 +
 +
Մինչդեռ իրականում հուսարը վանական դարձավ՝ կյանքը հասկանալու համար։ Նա ետ չվերադարձավ։ Կամաց֊կամաց նրա մասին մոռացան։ Իշխանուհի Բալտիյսկայան ծանոթացավ իտալացի երգչի հետ, իսկ հաբեշ Վասկան մեկնեց հայրենիք։
 +
 +
Վանքում կոմս Ալեքսեյ Բուլանովը, որն իր վրա Եվպլ անունն էր վերցրել, տանջում էր իրեն մեծ սխրանքներով։ Նա իրոք կապանքներ էր կրում, բայց նրան թվում էր, թե դա քիչ է կյանքը ճանաչելու համար։ Այդ ժամանակ նա իր համար վանականի հատուկ համազգեստ հնարեց․ դեմքը ծածկող վեղար՝ ուղղաձիգ հովարով և շարժումները կաշկանդող փարաջա։ Վանահոր օրթնությամբ նա սկսեց կրել այդ համազգեստը։ Բայց դա էլ քիչ թվաց նրան։ Մեծ հպարտությամբ համակված, նա քաշվեց անտառային մի գետնանտուն և սկսեց ապրել կողնե դագաղի մեջ։
 +
 +
Մենակյաց Եվպլի սխրանքը զարմանքով լցրեց վանքը։ Նա ուտում էր միայն պաքսիմաթ, որի պաշարը նորոգում էին երեք ամիսը մեկ անգամ։
 +
 +
Այդպես անցավ քսան տարի։ Եվպլը իր կյանքը համարում էր իմաստուն, ուղիղ և միակ ճշմարիտ։ Անասելի հեշտացել էր նրա կյանքը, բյուրեղացել էին նրա մտքերը։ Նա ճանաչեց կյանքը և հասկացավ, որ այլ կերպ ապրել չի կարելի։
 +
 +
Մի անգամ նա զարմանքով նկատեց, որ այնտեղ, ուր քսան տարի շարունակ ընտելացել էր պաքսիմատ գտնելուն, ոչինչ չկար։ Չորս օր նա չկերավ։ Հինգերորդ օրը եկավ իրեն անծանոթ տրեխավոր մի ծերուկ և ասաց, թե բոլշևիկները վտարել են վանականներին և վանքում սովխոզ են կազմակերպել։ Ծերուկը լաց լինելով հեռացավ, մի քիչ պաքսիմաթ թողնելով։ Մենակյացը չհասկացավ ծերուկին։ Պայծառ ու խաղաղ պառկել էր նա դագաղում և ուրախանում էր իր կյանքը ճանաչելու համար։ Ծերուկ գյուղացին շարունակում էր պաքսիմաթ բերել։
 +
 +
Այդպես անցավ ոչ ոքի կողմից չանհանգստացնող մի քանի տարի ևս։
 +
 +
Մի անգամ միայն գետնատան դուռը բացվեց, և մի քանի հոգի կռանալով ներս մտան։ Նրանք մոտեցան դագաղին և սկսեցին լուռ զննել ճգնավոր ծերունուն։ Դրանք բարձրահասակ մարդիկ էին՝ խթանավոր սապոգներով, մեծ գալիֆեներով և փայտյա ողորկ տուփերի մեջ դրած մաուզերներով։ Ճգնավորը պառկած էր դագաղում, ձեռքերը երկարած, և ջինջ հայացքով նայում էր եկվորներին։ Երկար ու թեթև ալեհեր մորուքը ծածկել էր դագաղի կեսը։ Անծանոթները խթանները զրնգացրին, ուսերը թոթվեցին և հեռացան, դուռն իրենց ետևից խնամքով ծածկելով։
 +
 +
Ժամանակն անցնում էր։ Մենակյացի առջև կյանքը բացահայտվեց իր ամբողջ լիությամբ և քաղցրությամբ։ Մենակյացը անսպասելի կերպով զարթնեց այն օրվա գիշերը, երբ վերջնականապես հասկացավ, որ իր գիտակցության մեջ ամեն ինչ պայծառ է։ Այդ բանը զարմացրեց նրան։ Նա գիշերները երբեք չէր զարթնում։ Խորհրդածելով այն մասին, թե ինչը իրեն զարթնացրեց, նա նորից քնեց և անմիջապես արթնացավ, մեջքի վրա այրոց զգալով։ Այդ այրոցի պատճառը հասկանալուց հետո ջանաց քնել, բայց չկարողացավ։ Ինչ֊որ բան խանգարում էր նրան։ Մինչև առավոտ չքնեց։ Հետևյալ գիշերը մեկը դարձյալ արթնացրեց նրան։ Նա շուռումուռ եկավ մինչև առավոտ, հեծելով և հենց իրենից աննկատելի ձեռքերը քորելով։ Ցերեկը, վերկենալով, պատահականորեն նայեց դագաղի մեջ։ Այդ ժամանակ ամեն ինչ հասկացավ․ նրա մռայլ անկողնու անկյուններում արագ վազվզում էին բալեգույն փայտոջիլներ։ Մենակյացը զզվանք զգաց։
 +
 +
Նույն օրը եկավ ծերուկը և պաքսիմաթ բերեց։ Եվ ահա քսանհինգ տարի լուռ մնացած ճգնավորը խոսեց։ Նա խնդրեց իր համար բերել մի քիչ նավթ։ Մեծ լռակյացի խոսքերը լսելով, գյուղացին շշմեց։ Սակայն ամաչելով և շիշը թաքցնելով, նա բերեց նավթը։ Գյուղացու գալուն պես մենակյացը դողդոջ ձեռքով նավթ քսեց դագաղի բոլոր կարերին ու արանքներին։ Երեք օրվա ընթացքում Եվպլը առաջին անգամ հանգիստ քնեց։ Ոչ մի բան նրան չէր անհանգստացնում։ Նա դագաղին նավթ քսեց նաև հետևյալ օրերին։ Բայց երկու ամիս հետո հասկացավ, որ նավթով չի կարելի բնաջնջել փայտոջիլներին։ Գիշերները նա արագ շուռումուռ էր գալիս և բարձրաձայն աղոթում, բայց աղոթքները նավթից քիչ էին օգնում։
 +
 +
Կես տարին անցավ աներևակայելի տանջանքներով, նախքան ճգնավորը կրկին կդիմեր ծերուկին։ Երկրորդ խնդրանքն է՛լ ավելի զարմացրեց ծերունուն։ Մենակյացը խնդրեց քաղաքից բերել իր համար «Արագած» փոշի՝ փայտոջիլների ոչնչացման համար։ Բայց «Արագածն» էլ չօգնեց։ Փայտոջիլները աճում էին անասելի արագությամբ։ Մենակյացի հուժկու առողջությունը, որին չէր կարողացել կոտրել քսանհինգ տարվա պահած պասն ու ծոմը, նկատելի կերպով վատացել էր։ Սկսվեց մութ ու հուսահատ կյանք։ Դագաղը մենակյաց Եվպլին սկսեց թվալ անհարմար ու զզվելի։ Գիշերները նա գյուղացու խորհրդով փայտոջիլներին այրում էր մարխով։ Փյատոջիլները մեռնում էին, բայց անձնատուր չէին լինում։
 +
 +
Փորձարկվեց և վերջին միջոցը՝ եղբ։ Գլիկների արտադրանքը՝ «Կլոպին» անունով թունավորված դեղձի հոտ ունեցող վարդագույն հեղուկը, բայց դա էլ չօգնեց։ Դրությունը գնալով վատանում էր։ Մեծ պայքարից երկու տարի անց մենակյացը պատահականորեն նկատեց, որ բոլորովին դադարել է կյանքի իմաստի մասին մտածելուց, որովհետև գիշեր֊ցերեկ զբաղվել է փայտոջիլներ որսալով։
 +
 +
Այդ ժամանակ նա զգաց, որ սխալվել է։ Կյանքն այնպես, ինչպես քսանհինգ տարի առաջ՝ խավար էր և առեղծվածային։ Չհաջողվեց հեռանալ աշխարհիկ հոգսերից։ Պարզվեց, որ անհնարին է մարմնով ապրել երկրում, իսկ հոգով՝ երկնքում։
 +
 +
Այդ ժամանակ ոտքի ելավ ճգնավոր ծերուկը և շտապով դուրս եկավ գետնատնից։ Նա կանգնել էր մութ ու կանաչ անտառում։ Վաղ ու չոր աշուն էր։ Հենց գետնատան մոտերքը գետնի տակից դուրս էր պրծել հաստափոր սպիտակ սունկերի մի ամբողջ ընտանիք։ Անծանոթ մի թռչնակ նստել էր ճյուղին և մեներգում էր։ Լսվեց անցնող գնացքի աղմուկ։ Գետինը դողդողաց։ Կյանքը հրաշալի էր։ Ճգնավոր ծերուկը, առանց ետ նայելու, առաջ անցավ։
 +
 +
Այժմ նա ծառայում է Մոսկվայի կոմունալ տնտեսության ձիաբազայում որպես կառապան։
 +
 +
 +
Պատմելով Իպոլիտ Մատվեևիչին այդ վերին աստիճանի ուսանելի պատմությունը, Օստապը պիջակի թևքով սրբեց իր մորեգույն կոշիկները, շրթունքներով տուշ նվագեց և հեռացավ։
 +
 +
Առավոտյան դեմ նա ներս ընկավ համարը, հանվեց, մորեգույն կոշիկները դրեց սեղանիկի վրա և սկսեց շոյել փայլուն կաշին, մեղմ կրքոտությամբ ասելով․
 +
 +
― Իմ փոքրիկ բարեկամներ։
 +
 +
― Որտե՞ղ էիք, ― քնաթաթախ հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Այրու մոտ, ― խուլ ձայնով պատասխանեց Օստապը։
 +
 +
― Հետո՞։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կռթնեց արմունկին։
 +
 +
― Եվ դուք ամուսնանալու եք նրա հե՞տ։
 +
 +
Օստապի աչքերը կայծկլտացին։
 +
 +
― Այժմ արդեն ես պարտավոր եմ ամուսնանալ, իբրև ազնիվ մարդ։
 +
 +
Իպոլիտ Մատվևիչը քաշվելով խանչեց․
 +
 +
― Կրակոտ կին է, ― ասաց Օստապը, ― երազանքը պոետի։ Գավառական անմիջականություն։ Կենտրոնում նման սուբտրոպիկներ վաղուց արդեն չկան, բայց ծայրամսերում, տեղերում, դեռ պատահում են։
 +
 +
― Իսկ ե՞րբ է հարսանիքը։
 +
 +
― Վաղը չէ մյուս օրը։ Վաղը չի կարլեի։ Մայիսի մեկն է ― ամենուրեք փակ է։
 +
 +
― Բա մեր գործը ո՞նց է լինելու։ Դուք ամուսնանում եք․․․ Մինչդեռ հավանական է, մենք ստիպված կլինենք Մոսկվա գնալ։
 +
 +
― Դե, ինչո՞ւ եք անհանգստանում։ Նիստը շարունակվում է։
 +
 +
― Իսկ կի՞նդ։
 +
 +
― Կի՞նս։ Ադամնդե այրի՞ն։ Վերջին հա՛րց։ Անակնկալ մեկնում կենտրոնի կանչով։ Մի փոքր զեկուցում Փոքր Ժողմոմխորհում։ Հրաժեշտի տեսարան և տապակած ճուտ՝ ճանապարհի պաշար։ Կգնանք կոմֆորտով։ Քնեցեք։ Վաղը մեր ազատ օրն է։
 +
 +
 +
==Խորը շնչեցեք՝ դուք հուզված եք==
 +
 +
 +
Մայիսի մեկի առավոտյան Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը, գործելու սովորական ծարավից տանջվելով, դուրս պրծավ փողոց և սլացավ դեպի կենտրոն։ Սկզբում նրա բազմապիսի տաղանդները հարկ եղած կիրառումը չէին գտնում, որովհետև ժողովուրդ դեռ քիչ կար և հեծյալ միլիցիոներների պահպանած տոնական ամբիոնները դատարկ էին։ Բայց ժամը իննի մոտերքը քաղաքի զանազան ծայրերում նվագախմբերն սկսեցին մռլտալ, փնչացնել ու սուլել։ Դարբասներից դուրս վազեցին տնային տնտեսուհիները։
 +
 +
Ծալովի փափուկ օձիքներով երաժշտական աշխատողների շարասյունը ինչ֊որ կերպ խցկվել էր երկաթուղայինների թափորի մեջտեղը՝ ոտքի տակ ընկնելով և բոլորին խանգարելով։
 +
 +
Բեռնատար մեքենան, որի վրա հագցված էր «Щ», սերիայի ֆաներե կանաչ շոգեքարշ, հետևից շարունակ ցատկում էր երաժշտական աշխատողների վրա։ Ընդ որում շոգեքարշի հենց փորի միջից բղավում էին հոբոյի և ֆլեյտայի մշակների վրա։
 +
 +
― Ո՞ւր է ձեր կարգադրիչը։ Մի՞թե դուք էլ կարմիրբանակայինով եք անցնելու։ Չե՞ք տեսնում, որ խցկվել եք ու խցան ստեղծել։
 +
 +
Ի դժբախտություն երաժշտական աշխատողների այդ պահին գործին միջամտեց Վիկտոր Միխայլովիչը։
 +
 +
― Դե իհարկե, դուք այս կոմղը՝ դեպի փակուղին պետք է թեքվեք։ Տոնն անգամ չեն կարողանում կազմակերպել, ― ճղում էր ինքն իրեն Պոլեսովը։ ― Այս կողմ, այս կողմ։ Զարմանալի՛ խայտառակություն։
 +
 +
Ստարկոմխոզի և Մելստրոյի բեռնատարները երեխաներ էին ման ածում։ Ամենափոքրերը կանգնել էին բեռնատարի կողերի մոտ և մի քիչ մեծերը՝ մեջտեղը։ Անչափահաս զորականությունը թափահարում էր կարմիր դրոշակները և զվարճանում՝ մինչև հալից ընկնելը։
 +
 +
Կտկտում էին պիոներական թմբուկները։ Նախազորակոչիկները ցցում էին կրծքները և աշխատում էին համաքայլ ընթանալ։ Նեղվածք էր, շոգ և աղմկալից։ Ամեն րոպե խռնվածք էր գոյանում և րոպեապես ցրվում։ Խռնվածքում ժամանակը կարճելու համար, վեր֊վեր էին նետում ծերուկներին և ակտիվիստներին։ Ծերուկները կանացի ձայներով վայնասուն էին բարձրացնում։ Ակտիվիստները թռչում էին լուռ, լուրջ դեմքերով։ Մի ուրախ շարասյունում փողոցի մյուս կողմն անցնող Վիկտոր Միխայլովիչին կարգադրիչի տեղ դրին և սկսեցին վեր֊վեր թռցնել։ Պոլեսովը միմոսի պես թափահարում էր ոտքերը։
 +
 +
Անցկացրին անգլիական մինիստր Չեմբեռլենի խրտվիլակը, որի ցիլինդրին անատոմիական մկանունքով մի բանվոր խփում էր կարտոնե մուրճով։ Ավտոմոբիլով անցան երեք կոմերիտականներ՝ ֆրակներով և սպիտակ ձեռնոցներով։ Նրանք քաշվելով նայում էին բազմությանը։
 +
 +
― Վա՛սկա, ― բղավում էին մայթից։ ― Բուրժո՛ւյ։ Պինդ ձգիր։
 +
 +
Աղջիկները երգում էին։ Սոցապի ծառայողների բազմության մեջ քայլում էր Ալխենը՝ կրծքին կարմիր բանտ կապած և մտախոհ երգում էր քթի մեջ։
 +
 +
<poem>
 +
Բայց տայգայից մինչ բրիտանական ծովեր
 +
Կարմիր բանակն է ամենից ուժեղ։
 +
</poem>
 +
 +
Ֆիզկուլտուրնիկները վանկ առ վանկ ինչ֊որ անհասկանալի բան էին բղավում։
 +
 +
Բոլորը գնում էին դեպի նոր տրամվայի դեպոն, որից ցերեկվա ուղիղ ժամը մեկին դուրս էր գալու Ստարգորոդի էլեկտրական տրամվայի առաջին վագոնը։
 +
 +
Ոչ ոք ստույգ չգիտեր, թե երբ էին սկսել կառուցել Ստարգորոդի տրամվայը։
 +
 +
Քսան թվին, երբ սկսվել էին շաբաթօրյակները, մի անգամ դեպոյականներն ու ճոպանագործները նվագախմբով գնացին Գուսիշչե և ամբողջ օրը ինչ֊որ փոսեր էին փորում։
 +
 +
Շատ մեծ ու խոր փոսեր փորեցին։
 +
 +
Աշխատողների մեջ դեսուդեն էր վազվզում ինժեներական գլխարկով մի ընկեր։ Նրա ետևից գույնզգույն ձողերով տասնպաետներ էին գնում։ Հետևյալ շաբաթօրյակին աշխատում էին դարձյալ նույն տեղում։ Երկու փոս, որ փորված էին ոչ այնտեղ, ուր հարկավոր էր, ստիպված եղան նորից լցնել։ Ինժեներական գլխարկով ընկերը վրա պրծավ տասնապետներին և բացատրություն պահանջեց։ Նոր փոսերը ավելի խոր և ավելի լայն էին փորում։
 +
 +
Հետո բերեցին աղյուս և հայտնվեցին իսկական կառուցող բանվորներ։ Նրանք սկսեցին հիմք դնել։ Ապա ամեն ինչ լռեց։ Ինժեներական գլխարկով ընկերը դեռ երբեմն գալիս էր ամայի շինարարություն, երկար անցուդարձ անում աղյուսով լցված փոսի շուրջը և քրթմնջում․
 +
 +
― Տնտհաշվարկ։
 +
 +
Նա գավազանով խփում էր հիմքին և փախչում էր քաղաք, տուն, ափերով փակելով սառած ականջները։
 +
 +
Ինժեների ազգանունը Տրեուխով էր։
 +
 +
Տրամվայի կայանը, որի շինարարությունը կանգ առավ հիմքի վրա՝ դեռ վաղուց՝ 1912 թվականից էր մտածված Տրեուխովի կողմից, բայց քաղաքային վարչությունը մերժեց նրա նախագիծը։ Երկու տարի անց Տրեուխովը վերսկսեց քաղաքային վարչության գրոհը, բայց պատերազմը խանգարեց։ Պատերազմից հետո խանգարեց հեղափոխությունը։ Այժմ խանգարում էր ՆԷՊ֊ը, տնտհաշվարկը, ծախսերի ինքնածածկումը։ Ամռանը հիմքն ամբողջովին ծածկվում էր ծաղիկներով, իսկ ձմեռը երեխաները սառցե լեռներ էին սարքում այնտեղ։
 +
 +
Տրեուխովը երազում էր մեծ գործի մասին։ Նրա համար տաղտկալի էր Ստարկոմխոզի բարեկարգման բաժնում ծառայելը, մայթերի եզրեր նորոգելը և աֆիշների պատվանդաններ կառուցելու նախահաշիվներ կազմելը։ Բայց մեծ գործ չկար։ Նորից քննության տրված տրամվայի նախագիծը թպրտում էր նահանգական բարձր ինստանցիաներում, մեկ հավանություն էր ստանում, մեկ չէր ստանում, ուղարկվում էր կենտրոնի քննարկամնը, բայց, անկախ հավանություն ստանալուց կամ չստանալուց, ծածկվում էր փոշով, որովհետև փողը չէր տրվում ոչ մեկ, ոչ մյուս դեպքում։
 +
 +
― Դա բարաբրոսությո՛ւն է, ― բղավում էր Տրեուխովը կնոջ վրա։ ― Փող չկա՞։ Իսկ փոխադրական միջոցների սեփականատերերին կայարան ապրանք տեղափոխելու համար ավելին վճարելու փող կա՞։ Ստարգորոդի կառապանները քերթում են և՛ կենդանիներին, և՛ մեռելներին։ Իհարկե, թալանչիների մենաշնորհն է։ Փորձիր իրերը շալակած հինգ վերստ ոտքով գնալ կայարան․․․ Տրամվայը վեց տարում իր ծախսը կհանի։
 +
 +
Նրա թոշնած բեղերը զայրագին կախվել էին։ Կճատ քթով դեմքը շարժվում էր։ Նա սեղանից հանում էր լուսանկարչությամբ կապույտ թղթի վրա տպագրած գծագրերը և բարկացած հազարերորդ անգամ ցույց էր տալիս կնոջը։ Այստեղ կային կայանի, դեպոյի և տրամվայի տասներկու գծերի պլաններ։
 +
 +
― Գրողի ծոցը տասներկուսը։ Կսպասե՛ն։ Բայց գոնե երեք գիծ լինի, երե՛ք։ Առանց դրանց Ստարգորոդը խեղդամահ կլինի։
 +
 +
Տրեուխովը փնչացնում էր և գնում խոհանոց փայտ սղոցելու։
 +
 +
Տան տնտեսական բոլոր աշխատանքները ինքն էր կատարում։ Նա հորինել և կառուցել էր երեխայի օրորոց և լվացքի մեքենա։ Սկզբում սպիտակեղենը ինքն էր լվանում, բացատրելով կնոջը, թե ինչպես պետք է վարվել մեքենայի հետ։ Տրեուխովի աշխատավարձի առնվազն հինգերորդ մասը գնում էր օտարերկրյա տեխնիկական գրականություն դուրս գրելուն։ Ծայրը ծայրին հասցնելու համար նա ծխելը թողեց։
 +
 +
Նա իր նախագիծը քարշ տվեց նաև Ստարկոմունխոզի նոր վարիչ Գավրիլինի մոտ, որին Ստարգորոդ էին տեղափոխել Սամարկանդից։ Թուրքեստանի արևի տակ սևացած նոր վարիչը երկար, բայց ոչ հատուկ ուշադրությամբ լսեց Տրեուխովին, անուշադիր նայեց բոլոր գծագրերը և վերջում ասաց․
 +
 +
― Իսկ ահա Սամարկանդում ոչ մի տրամվայ էլ պետք չէ։ Այնտեղ բոլորն էլ էշերով են ման գալիս։ Էշն արժե երեք ռուբլի ― ջրի գին։ Բայց բարձրացնում է տասը փութ․․․ Պստլիկ այսպիսի մի էշը, նույնիսկ զարմանալի է։
 +
 +
― Հենց դա էլ Ասիա, որ կա, ― բարկացած ասաց Տրեուխովը։ ― Էշն արժե երեք ռուբլի, իսկ նրան կերակրելու համար տարեկան երեսուն ռուբլի է պետք։
 +
 +
― Իսկ ձեր այդ տրամվայով շա՞տ կճամբորդեք երեսուն ռուբլով։ Երեք հարյուր անգամ։ Նույնիսկ տարվա ոչ բոլոր օրերը։
 +
 +
― Դե, որ այդպես է դուրս գրեք ձեր էշերին, ― բղավեց Տրեուխովը և դուրս վազեց կաբինետից դուռը շրխակացնելով։
 +
 +
Այդ օրվանից նոր վարիչի համար սովորություն դարձավ Տրեուխովին հանդիպելիս ծաղրալի հարցեր տալ․
 +
 +
― Հը, ոնց է, դուրս ենք գրում էշերի՞ն, թե՞ տրամվայ ենք կառուցում։
 +
 +
Գավրիլինի դեմքը նման էր հարթ ռանդած շաղգամի։ Աչքերը խորամանկում էին։
 +
 +
Երկու ամիս անց Գավրիլինը իր մոտ կանչեց ինժեներին և լրջորեն ասաց․
 +
 +
― Այստեղ ես մի փոքրիկ պլան եմ նշել։ Ինձ համար մի բան պարզ է, որ փող չկա, իսկ տրամվայը էշ չէ՝ երեք ռուբլով չես գնի։ Այստեղ նյութական բազա պետք է ստեղծել։ Ո՞րն է պրակտիկ լուծումը։ Բաժնետիրական ընկերություն։ Է՛լ ո՞րն է։ Փոխառություն։ Տոկոսով։ Տրամվայը քանի՞ տարում իր ծախսը կհանի։
 +
 +
― Առաջին հերթի երեք գծերը շահագործման հանձնելու օրվանից վեց տարի անց։
 +
 +
― Դե լավ, հաշվենք տասը տարի անց։ Այժմ բաժնետիրական ընկերության մասին։ Ո՞վ կմտնի։ Սնունդտրեստը։ Մասլոցենտրը։ Ճոպանագործներին տրամվայ պե՞տք է։ Պետք է։ Մենք բեռնատար վագոններ ենք ուղարկելու մինչև կայարան։ Նշանակում է և ճոպանագործները։ Գուցե մի քիչ էլ ՃՀԺԿ֊ն տա։ Կտա և նահգործկոմը։ Սա արդեն պարտադիր է։ Իսկ որ սկսեցինք՝ Պետբանկը և կոմունալ բանկը վարկ կտան։ Ահա այսպիսի մի պլան ունեմ։ Ուրբաթ օրը նահգործկոմի նախագահությունում խոսակցություն կլինի այդ մասին։ Եթե որոշեցինք՝ անելիքը ձեր վրա է։
 +
 +
Տրեուխովը մինչև ուշ գիշեր հուզված լվացք էր անում և կնոջը բացատրում տրամվայի առավելությունները՝ համեմատած սայլերով կատարվող փոխադրումների հետ։ Ուրբաթ օրը հարցը բարեհաջող լուծում ստացավ։ Ու սկսվեցին տառապանքները։ Բաժնետիրական ընկերություն կազմակերպեցին մեծ դժվարությամբ։ ՃՀԺԿ֊ը մերթ մտնում, մերթ չէր մտնում բաժնետերերի մեջ։ Սնունդտրեստը ամեն կերպ ջանում էր տասնհինգ տոկոս բաժնետոմսերի փոխարեն ստանալ միայն տասը տոկոս։ Վերջապես վաժնետոմսերի ողջ կապոցը բաշխվեց, թեև գործը առանց ընդհարումների յոլա չգնաց։ Գավրիլինին ճնշում գործ դնելու համար կանչեցին նահանգային ՎՀ։ Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ։ Մնում էր սկսել։
 +
 +
― Դե՛, ընկեր Տրեուխով, ― ասաց Գավրիլինը, ― սկսիր։ Զգո՞ւմ ես, որ կարող ես կառուցել։ Թե չէ հա՜։ Սա էշ գնել չէ։
 +
 +
Տրեուխովը թաղվեց աշխատանքի մեջ։ Եկավ այն մեծ գործի ժամանակը, որի մասին նա երազում էր տարիներ շարունակ։ Գրվեցին նախահաշիվներ, կազմվեց կառուցման պլան, պատվերներ տրվեցին։ Դժվարություններ էին ծագում այնտեղ, որտեղ ամնից քիչ էին սպասում։ Քաղաքում չգտնվեցին մասնագետ բետոնագործներ և ստիպված եղան դուրս գրել Լենինգրադից։ Գավրիլինը շտապեցնում էր, բայց գործարանները խոստանում էին մեքենաները տալ միայն մեկ ու կես տարուց հետո։ Մինչդեռ նրանք հարկավոր էին ամենաուշը մեկ տարուց։ Ազդեց միայն մեքենաները արտասահմանում պատվիրելու սպառնալիքը։ Ապա սկսվեցին ավելի փոքր անախորժություններ։ Մեկ դժվար էր լինում ճարել անհրաժեշտ չափի ձևավոր երկաթ, մեկ ներծծված շպալի փոխարեն առաջարկում էին ոչ ներծծված։ Վերջապես տվեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, բայց Տրեուխովը, որ գնացել էր շպալաներծծման գործարանը, խոտանեց շպալների վաթսուն տոկոսը։ Չուգունե մասերի մեջ խոռոչներ կային։ Անտառանյութը խոնավ էր։ Ռելսերը լավն էին, բայց մի ամիս ուշացումով սկսեցին ստացվել։ Գավրիլինը հաճախ կայանի շինարարություն էր գալիս, հին հարբուխ կպած «ֆիատով»։ Այստեղ նրա ու Տրեուխովի մեջ վեճեր էին ծագում։
 +
 +
Քանի դեռ կառուցվում ու մոնտաժվում էր տրամվայի կայանը, ստարգորոդցիները միայն կատակներ էին բաց թողնում։
 +
 +
«Ստարգորոդյան պրավդայում» տրամվայի հարցով զբաղվում էր ամբողջ քաղաքին հայտնի ֆելիետոնիստ Պրինց Դատսկին, որն այժմ գրում էր «Մախովիկ» կեղծանունով։ Շաբաթական ոչ պակաս երեք անգամ նա ճայթում էր կենցաղային մեծ ակնարկով՝ շինարարության ընթացքի մասին։ Թերթի երրորդ էջը, ուր առատորեն տպագրվում էին կասկածամիտ վերնագրերով թղթակցությունները՝ «Ակումբի հոտ չի գալիս», «Թույլ կետերին», «Զննումներ պետք են, բայց ինչ գործ ունեն այստեղ փայլուն ու երկար պոչերը», «Լավ է․․․ և վատ», «Ինչին ենք ուրախ և ինչին՝ ոչ»։ «Հուպ տալ լուսավորության վնասարարներին» և «Ժամանակն է վերջ տալ թղթե ծովին» ― սկսեց ընթերցողներին պարգևել Մախովիկի ակնարկների արևավառ և կայտառ վերնագրերը՝ «Ինչպես ենք կառուցում, ինչպես ենք ապրում», «Շուտով գիգանտը կաշխատի», «Համեստ կառուցող» և նման բաներ նույն ոգով։
 +
 +
Տրեուխովը ահուդողով էր բաց անում թերթը, և զզվանք տածելով գրող եղբայրների հանդեպ, իր անձի մասին կարդում էր առույգ տողեր․
 +
 +
 +
․․․ Բարձրանում եմ ծպեղի վրա։ Քամին աղմկում է ականջներումս։
 +
 +
Վերևում նա է, մեր հզոր տրամվայի կայանի անբարետես կառուցողը, արտաքուստ վտիտ, կճատ քթով այդ մարդը՝ առօրյա մուրճիկավոր գլխարկով։
 +
 +
Վերհիշում եմ․ «Ամայի ալիքների ափին կանգնել էր նա, մեծ խոհերով լեցուն»։
 +
 +
Մոտենում եմ։ Ոչ մի քամի։ Ծպեղները չեն շարժվում։
 +
 +
Հարցնում եմ․
 +
 +
― Ինչպե՞ս են կատարվում առաջադրանքները։
 +
 +
Կառուցող ինժեներ Տրեուխովի տգեղ դեմքը կենդանանում է․․․
 +
 +
Նա սեղմում է իմ ձեռքը։ Նա ասում է։
 +
 +
― Առաջադրանքի յոթանասուն տոկոսն արդեն կատարված է։
 +
 +
Հոդվածը վերջանում էր այսպես․
 +
 +
Հրաժեշտին նա սեղմում է իմ ձեռքը․․․ Իմ ետևում գվվում են ծպեղները։
 +
 +
Բանվորները դես ու դեն են վազվզում։
 +
 +
Ո՞վ կարող է մոռանալ բանվորական կառուցման այդ եռուզեռը, մեր կառույցի այդ անբարետես կերպարանքը։
 +
::::::::::::::::::::::::::::Մախովիկ
 +
 +
Տրեուխովին փրկում էր միայն այն, որ թերթ կարդալու ժամանակ չէր ունենում և երբեմն հաջողվում էր բաց թողնել ընկ․ Մախովիկի երկասիրությունները։
 +
 +
Մի անգամ Տրեուխովը չդիմացավ և գրեց մի լավ մտածված խայթող հերքում։
 +
 +
«Իհարկե, ― գրում էր նա, ― հեղույսները կարելի է տրանսմիսիա անվանել, բայց այդ անում են կառուցման գործից ոչինչ չհասկացող մարդիկ։ Եվ հետո, ես կուզենայի նշել ընկ․ Մախովիկին, որ ծպեղները գվվում են միայն այն ժամանակ, երբ շինվածքը պատրաստվում է փուլ գալ։ Այդպես խոսել ծպեղների մասին, միևնույն էթե պնդել, իբր թավջութակը երեխաներ է ծնում։ Ընդունեցեք և այլն»։
 +
 +
Դրանից հետո անհանգիստ Պրինցը դադարեց կառուցման վրա երևալուց, բայց կենցաղային ակնարկները առաջվա պես շարունակում էին զարդարել երրորդ էջը, ցայտուն աչքի ընկնելով առօրյա  «15000 ռուբլին ժանգոտում է», «Բնակարանային գուղձեր», «Նյութերը լալիս են» և «Կուրյոզներ ու արցունքներ» վերնագրերի ֆոնի վրա։
 +
 +
Շինարարությունը մոտենում էր ավարտին։ Թերմիտային եղանակով զոդվում էին ռելսերը, և նրանք առանց բացակների ձգվում էին բուն կայարանից մինչև սպանդանոցը և բերովի շուկայից մինչև գերեզմանոցը։ Սկզբում ուզում էին տրամվայի բացումը հարմարեցնել Հոկտեմբերի իններորդ տարեդարձին, բայ վագոնաշինարարական գործարանը, մեղքը գցելով «արմատուրայի վրա, ժամանակին չտվեց վագոնները։ Ստիպված եղան բացումը հետաձգել մինչև Մայիսի մեկը։ Այդ օրվա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ էր։
 +
 +
Կոնցեսիոներները, զբոսնելով ցուցարարների հետ միասին, հասան Գուսիշչե։ Այնտեղ էր հավաքվել ողջ Ստարգորոդը։ Դեպոյի նոր շենքը պատել էին փշատերև կամարներով, դրոշները փողփողում էին, քամին սուրում էր լոզունգների վրայով։ Հեծյալ միլիցիոները քառատրոփ արշավում էր առաջին պաղպաղակավաճառի ետևից, որն աստված գիտե թե ինչ կերպ ընկել էր տրամվայշիկների կողմից շղթայված դատարկ շրջագծի մեջ։ Դեպոյի երկու դարբասների արանքում բարձրացել էր լղրճուկ, դեռևս դատարկ ամբիոնը՝ ուժեղացնող միկրոֆոնով։ Ամբիոնին էին մոտենում պատգամավորները։ Կոմունալնիկների և ճոպանագործների միաբերած նվագախումբը փորձում էր իր թոքերի ուժը։ Թմբուկը ընկած էր գետնին։
 +
 +
Դեպոյի լուսավոր դահլիճում, ուր կանգնած էին բաց կանաչ գույնի տասը վագոն՝ համարակալված 701֊ից մինչև710֊ըը, թրև էր գալիս մազմզոտ կեպիով Մոսկվայի թղթակիցը։ Նրա կրծքից կախված էր փոքրիկ հայելի, որին հաճախ ու մտահոգ նայում էր։ Թղթակիցը փնտրում էր գլխավոր ինժեներին, որպեսզի մի քանի հարց տար տրամվայի մասին։ Թեև թղթակցի գլխում արդեն պատրաստ էր տրամվայի բացմանը վերաբերող ակնարկը, ներառյալ դեռ չարտասանված ճառերի կոնսպեկտը, այնուամենայնիվ թղթակիցը բարեխղճորեն շարունակում էր իր որոնումները, թերություն համարելով միայն բուֆետի բացակայությունը։
 +
 +
Բազմության մեջ երգում էին, բղավում, արևածաղկի սերմ էին չրթում, սպասելով տրամվայի բացմանը։
 +
 +
Ամբիոն բարձրացավ նահգործկոմի նախագահությունը։ Պրինց Դատսկին կակազելով ֆրազներ էր փոխանակում գրչակից եղբոր հետ։ Սպասում էին Մոսկվայի կինոխրոնիկյորների ժամանելուն։
 +
 +
― Ընկերնե՛ր, ― ասաց Գավրիլինը։ ― Հանդիսավոր միտինգը նվիրված Ստարգորոդի տրամվայի բացմանը թույլ տվեք համարել բացված։
 +
 +
Պղնձե փողերը շարժվեցին, հառաչեցին և երեք անգամ իրար ետևից նվագեցին «Ինտենացիոնալը»։
 +
 +
― Զեկուցման համար խոսքը տրվում է ընկեր Գավրիլինին, ― բղավեց Գավրիլինը։
 +
 +
Պրինց Դատսկին ― Մախովիկը և մոսկովյան հյուրը, իրար հետ չպայմանավորվելով, ծոցատետրերում գրեցին․
 +
 +
«Հանդիսավոր միտինգը բացվեց Ստարկոմունխոզի նախագահ ընկ․ Գավրիլինի զեկուցումով։ Բազմությունը լսողություն դարձավ»։
 +
 +
Երկու թղթակիցներն էլ բոլորովին տարբեր մարդիկ էին։ Մոսկվայի հյուրը ամուրի էր և երիտասարդ։ Մեծ ընտանիքով ծանրաբեռնված Պրինց֊Մախովիկը վաղուց արդեն անց էր քառասունից։ Մեկը մշտապես ապրում էր Մոսկվայում, մյուսը երբեք չէր եղել այնտեղ։ Մոսկվացին գարեջուր էր սիրում, Մախովիկ֊Դատսկին, բացի օղուց, ոչինչ չէր առնում բերանը։ Բայց, չնայած բնավորությունների և դաստիարակության այդ տարբերությանը, երկու ժուռնալիստների տպավորությունները միաձուլվում էին միևնույն մաշված, տրորված, փոշու մեջ կորած ֆրազների մեջ։ Նրանց մատիտները գործեցին և ծոցատետրերում հայտնվեց նոր գրառում․ «Տոնի օրը Ստարգորոդի փողոցները ասես ավելի էին լայնացել․․․»։
 +
 +
Գավրիլինը իր ճառը լավ ու պարզ սկսեց․
 +
 +
― Տրամվայ կառուցելը, ― ասաց նա, ― դա էշ գնել չէ։
 +
 +
Բազմության մեջ հանկարծակի լսվեց Օստապ Բենդերի բարձրաձայն ծիծաղը։ Նա գնահատեց այդ ֆրազը։ Ընդունելությունից քաջալերված Գավրիլինը, ինքն էլ չհասկանալով թե ինչու, հանկարծ սկսեց խոսել միջազգային դրության մասին։ Նա մի քանի անգամ փորձեց իր զեկուցումը բաց թողնել տրամվայի ռելսերով, բայց սարսափով նկատեց, որ այդ բանը անել չի կարող։ Խոսքերն իրենք իրենց, հռետորի կամքին հակառակ, մի տեսակ միջազգային էին ստացվում։ Չեմբեռլենից հետո, որին Գավրիլինը կես ժամ տրամադրեց, միջազգային թատերաբեմ դուրս եկավ ամերիկյան սենատոր Բորան։ Բազմությունը փափկեց։ Թղթակիցները միաժամանակ գրի առան․ «Հռետորը պատկերավոր արտահայտություններով  նկարագրեց մեր միության միջազգային դրությունը․․․»։ Կրակ կտրած Գավրիլինը վատ կարծիք հայտնեց ռումինական բոյարների մասին և անցավ Մուսոլինիին։ Եվ միայն ճառի վերջում նա հաղթահարեց իր երկրորդ միջազգային էությունը և սկսեց խոսել գործնական լավ խոսքերով․
 +
 +
― Եվ ես կարծում եմ, ընկերնե՛ր, որ դեպոյից հենց հիմա դուրս եկող այս տրամվայը ո՞ւմ շնորհիվ է բաց թողնված։ Իհարկե, ընկերներ, շնորհիվ ահա ձեզ, շնորհիվ բոլոր բանվորների, որոնք հիրավի աշխատեցին ոչ թե վախի, այլ խղճի մտոք։ Եվ մեկ էլ, ընկերներ, շնորհիվ սովետական ազնիվ մասնագետի, գլխավոր ինժեներ Տրեուխովի։ Նրան ևս շնորհակալություն։
 +
 +
Սկեցին փնտրել Տրեուխովին, բայց չգտան։ Մասլոցենտրի ներկայացուցիչը, որը վաղուց արդեն կրակ էր կտրել, խցկվելով մոտեցավ ճաղաշարքին, ձեռքը թափահարեց և բարձրաձայն սկսեց խոսել միջազգային դրության մասին։ Նրա ճառը վերջանալուն պես, երկու թղթակիցներն էլ, ունկնդրելով ցանցառ ծափերին, արագ֊արագ գրեցին․ «Աղմկալից ծափահարություններ, որոնք փոխվում են օվացիայի․․․»։ Հետո մտածեցին, որ «փոխվում է օվացիայի․․․»֊ն թերևս շատ ուժեղ կլինի։ Մոսկվացին սիրտ արեց և օվացիան ջնջեց, Մախովիկը հառաչեց և թողեց։
 +
 +
Արևն արագ գլորվում էր թեք հարթությամբ։ Ամբիոնից ողջույնի ճառեր էին ասում։ Նվագախումբը րոպեն մեկ տուշ էր նվագում։ Պայծառորեն կապտեց երեկոն, իսկ միտինգը դեռ շարունակվում էր։ Ե՛վ խոսողները, և՛ լսողները վաղուց արդեն  զգում էին, որ ինչ֊որ վատ բան ստացվեց, որ միտինգը ձգձգվեց, որ շուտով պետք է անցենլ տրամվայի  թողարկմանը։ Բայց բոլորն այնպես էին ընտելացել խոսելուն, որ չէին կարողանում կանգ առնել։
 +
 +
Վերջապես գտան Տրեուխովին։ Նա կեղտոտվել էր և, նախքան ամբիոն բարձրանալը, երկար ժամանակ գրասենյակում լվանալիս է եղել երեսն ու ձեռքերը։
 +
 +
― Խոսքը տրվում է գլխավոր ինժեներ ընկեր Տրեուխովին, ― ուրախ֊ուրախ ազդարարեց Գավրիլինը։ ― Դե խոսիր, թե չէ ես բոլորովին էն չէի ասում, ― ավելացրեց նա շշուկով։
 +
 +
Տրեուխովը շատ բան էր ուզում ասել։ Ե՛վ շաբաթօրյակների մասին, և՛ ծանր աշխատանքների, և՛ այն ամենի մասին՝ ինչ արված և դեռ պետք է արվի։ Իսկ անելիք շատ կա․ քաղաքը կարելի է ազատել բերովի վարակիչ շուկայից, կառուցել ապակյա ծածկած կորպուսներ, կարելի է կառուցել մշտական կամուրջ ժամանկավորի փոխարեն, որին ամեն տարի սառցահոսանքը քշում֊տանում է, կարելի է, վերջապես, իրագործել հսկա մսասառցակոմբինատի կառուցման նախագիծը։
 +
 +
Տրեուխովը բացեց բերանը և կմկմալով սկսեց խոսել․
 +
 +
― Ընկերներ։ Մեր պետության միջազգային դրությունը․․․
 +
 +
Եվ այնուհետև այնպիսի տարրական ճշմարտություններ սկսեց ծամծմել, որ արդեն վեցերորդ միջազգային ճառը լսող բազմությունը սառեց։ Վերջացնելուց հետո միայն  Տրեուխովը հասկացավ, որ ինքն էլ ոչ մի բառ չասաց տրամվայի մասին։ «Ա՜յ վիրավորական է, ― անցավ նրա մտքով, ― մենք բացարձակպես խոսել չենք կարողանում, բացարձակապես»։
 +
 +
Եվ նա մտաբերեց ֆրանսիական կոմունիստի ճառը, որ լսել էր Մոսկվայի մի ժողովում։ Ֆրանսիացին խոսում էր բուրժուական մամուլի մասին։ «Այդ գրչի ակրոբատները, ― բացականչում էր նա, ― այդ ֆարսի վիրտուոզները, ռոտացիոն մեքենաների այդ չախկալները․․․» Ֆրանսիացին ճառի առաջին մասը արտասանեց լյա տոնով, երկրորդ մասը՝ դո տոնով և վերջինը՝ պաթետիկականը, մի տոնով։ Նրա ձեռքի շարժումները չափավոր էին ու գեղեցիկ։
 +
 +
«Իսկ մենք միայն ջուր ենք պղտորում, ― որոշեց Տրեուխովը, ― ավելի լավ կլիներ իսկի չխոսեինք»։
 +
 +
Արդեն բոլորովին մութն էր, երբ նահանգային գործկոմի նախագահը մկրատով կտրեց կարմիր ժապավենը, որով փակված էր դեպոյի դուռը։ Բանվորները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները աղմուկ֊աղաղակով սկսեցին տեղ գրավել վագոններում։ Նուրբ զանգակները զրնգացին, և տրամվայի առաջին վագոնը, որը կառավարում էր Տրեուխովը, դուրս պրծավ դեպոյից՝ ամբոխի խլացուցիչ գոռում֊գոչյունների և նվագախմբի հեծեծանքի տակ։ Լուսավորված վագոնները շատ ավելի շլացուցիչ էին թվում, քան ցերեկը։ Նրանք բոլորը իրար ետևից լողում էին Գուսիշչեով։ Երկաթուղային կամրջի տակից անցնելով, նրանք հեշտությամբ բարձրացան քաղաք և թեքվեցին Բոլշայա Պուշկինսկայա փողոցը։ Երկրորդ վագոնով գնում էր նվագախումբը և, փողերը պատուհաններից դուրս հանած, նվագում էր Բուդյոննու մարշը։
 +
 +
Գավրիլինը կոնդուկտորի համազգեստային տուժուրկայով, ուսից գցած պայուսակով, վագոնիվ վագոն թռչելով, քնքուշ ժպտում էր, անտեղի զանգեր էր տալիս և ուղևորներին հրավիրատոմսեր էր հանձնում գնալու
 +
 +
::::::::::Հանդիսավոր երեկո
 +
::::::::1 մայիսի երեկոյան ժամը 9֊ին
 +
::որը տեղի է ունենալու  կոմունալնիկների ակումբում հետևայլ ծրագրով
 +
 +
1. Զեկուցում ընկ․ Մոսինի
 +
 +
2. Կոմունալնիկների միության պատվոգրերի հանձնում
 +
 +
3. Ոչ պաշտոնական մաս․ մեծ համերգ, ընտանեկան ընթրիք բուֆետով։
 +
 +
Վերջին վագոնի հարթակի վրա կանգնել էր հայտնի չէ, թե ինչ կերպ պատվավոր հյուրերի շարքն ընկած Վիկտոր Միխայլովիչը։ Նա տնտղում և հոտոտում էր մոտորը։ Ի մեծ զարմանս Պոլեսովի, մոտորը լավ տեսք ուներ և, ինչպես երևում է, կարգին աշխատում էր։ Մանրամասն զննելուց հետո Վիկտոր Միխայլովիչը համոզվեց, որ նրանք այնուամենայնիվ ռետինի վրա են։ Նա արդեն մի քանի դիտողություն արել էր վագոնավարին և հասարակության մեջ արևմուտքի տրամվայի գործի լավ գիտակի համարում ուներ։
 +
 +
― Օդային արգելակը լավ չի աշխատում, ― հայտարարեց Պոլեսովը հաղթականորեն նայելով ուղևորներին, ― չի ներծծում։
 +
 +
― Քեզ չեն հարցրել, ― պատասխանեց վագոնավարը, ― վայ թե ներծծի։
 +
 +
Տոնական պտույտ կատարելով քաղաքում, վագոնները վերադարձան դեպո, որտեղ նրանց սպասում էր բազմությունը։ Տրեուխովին արդեն ճոճում էին էլեկտրական լամպերի լիակատար շողշողանքի պայմաններում։ Ճոճեցին և Գավրիլովին, բայց քանի որ նա վեց փութ էր կշռում և բարձր չէր թռչում, շուտով նրան բաց թողեցին։ Ճոճում էին ընկեր Մոսինին, տեխնիկներին և բանվորներին։ Այդ օրը երկրորդ անգամ ճոճեցին Վիկտոր Միխայլովիչին։ Այժմ նա արդեն ոտքերով չէր քացահարում, այլ խստադեմ և լրջորեն նայելով աստղալից երկնքին, թռչում և ճախրում էր գիշերվա մթության մեջ։ Վերջին անգամ սավառնելիս Պոլեսովը նկատեց, որ իր ոտքից բռնել և զզվելի ծիծաղով հռհռում է ոչ այլ ոք, քան նախկին պարագլուխ Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը։ Պոլեսովը քաղաքավարի ազատվեց, մի կողմ քաշվեց, բայց տեսողությունից արդեն բաց չէր թողնում պարագլխին։ Նկատելով, որ Իպոլիտ Մատվեևիչը երիտասարդ անծանոթի՝ որոշակի նախկին սպայի հետ գնում է, Վիկտոր Միխայլովիչը զգուշորեն հետևեց նրանց։
 +
 +
Երբ ամեն ինչ վերջացավ, և Գավրլիովը իր մանուշակագույն «ֆիատով» սպասում էր վերջին կարգադրություններն անող Տրեուխովին, որպեսզի միասին գնային ակումբ, դեպոյի դարբասներին մոտեցավ Ֆորդի կիսաբեռնատար մեքենան՝ կինոխրոնյիկորների հետ միասին։
 +
 +
Առաջին մեքենայից ճարպկորեն ցատկեց տասներկուանկյունանի եղջերաշրջանակ ակնոցով մի տղամարդ՝ կաշվե պճնագեղ անթև բաճկոնով։ Տղամարդու երկար ու սուր մորուքը սկսվում էր ուղիղ ադամախնձորից։ Երկրորդ տղամարդը քարշ էր տալիս կինոապարատը, խճճվելով այն ոճի երկար շարֆի մեջ, որին Օստապ Բենդերը սովորաբար անվանում էր «շիկ֊մոդեռն»։ Ապա բեռնատարից դուրս սողացին ասիստենտներ, յուպիտերներ ու աղջիկներ։
 +
 +
Ամբողջ խումբը գոռում֊գոչյունով նետվեց դեպի դեպոն։
 +
 +
― Ուշադրությո՛ւն, ― բղավեց մորուքով կաշվե բաճկոնակավորը։ ― Կո՛լյա, դիր յուպիտերները։
 +
 +
Տրեուխովն սկսեց կարմրել և շարժվեց դեպի գիշերվա այցելուները։
 +
 +
― Այդ դո՞ւք եք կինոն, ― հարցրեց նա։ ― Բա ինչո՞ւ ցերեկը չեկաք։
 +
 +
― Իսկ ե՞րբ է նշանակված տրամվայի բացումը։
 +
 +
― Նա արդեն բացվել է։
 +
 +
― Այո, այո, մենք մի փոքր ուշացանք։ Լավ բնության տեսարանի հանդիպեցինք։ Ահագին աշխատանք կա։ Արևի մայրամուտ։ Ասենք, մենք առանց դրան էլ գլուխ կհանենք։ Կո՛լյա։ Լույս տուր։ Պտտվող անի՛վ։ Խոշո՛ր։ Ամբոխի շարժվող ոտքե՛ր ― խոշոր։ Լյո՛ւդա։ Մի՛լոչկա։ Անցե՛ք, գնացե՛ք, գնացե՛ք․․․ Բավական է։ Շնորհակալություն։ Հիմա կնկարենք կառուցողին։ Ընկեր Տրեուխո՞վ։ Բարի եղեք, ընկեր Տրեուխով։ Ոչ, այդպես չէ։ Երեք քառորդով․․․ Այ այդպես, ավելի օրիգինալ, տրամվայի ֆոնի վրա․․․ Կո՛լյա։ Սկեցի՛նք։ Որևէ բան ասեք։
 +
 +
― Դե ճիշտն ասած, մի քիչ անհարմար է․․․
 +
 +
― Հոյակապ է․․․ Լավ է․․․ էլի խոսեցեք․․․ Այժմ դուք խոսում եք, տրամվայի առաջին ուղևորուհու հետ․․․ Լյո՛ւդա։ Մտե՛ք շրջանակ։ Այդպես։ Խոր շնչեցեք՝ դուք հուզված եք․․․  Կո՛լյա։ Ոտքերը խոշո՛ր․․․ Սկսեցի՛նք․․․ Այդպես, այդպես․․․ Մեծ շնորհակալություն․․․ Ստո՛պ։
 +
 +
Վաղուց ի վեր դողդողացող «ֆիատից» ծանրորեն իջավ Գավրիլինը, որն եկել էր կանչելու ուշացող ընկերոջը։ Մամզոտ ադամախնձորով ռեժիսյորը աշխուժացավ։
 +
 +
― Կո՛լյա։ Այս կո՛ղմ։ Հիանալի տիպաժ։ Բանվո՛ր։ Տրամվայի ուղևո՛ր։ Խոր շնչեցե՛ք։ Դուք հուզվա՛ծ եք։ Դուք առաջներում երբեք տրամվայ չեք նստել։ Սկսեցե՛ք։ Շնչեցե՛ք։
 +
 +
Գավլինինը ատելությամբ փնչացրեց։
 +
 +
― Հիանալի է․․․ Մի՛լոչկա․․․ Ե՛կ այստեղ։ Ողջո՛ւյն կոմսոմոլից․․․ Խոր շնչեցե՛ք։ Դուք հուզվա՛ծ եք․․․ Այդպես․․․ Հիանալի է․․․ Հիանալի է։ Կո՛լյա․․․  Վերջացրի՛նք։
 +
 +
― Իսկ տրամվայը չե՞ք նկարահանելու, ― հարցրեց Տրեուխովը ամաչելով։
 +
 +
― Գիտեք ինչ, ― բառաչեց կաշվե ռեժիսյորը, ― լուսավորության պայմանները թույլ չեն տալիս։ Ստիպված ենք մնացածը Մոսկվայում հանել։ Համբուրում եմ։
 +
 +
Կինոխրոնիկան կայծակի արագությամբ չքացավ։
 +
 +
― Դե, բարեկամս, գնանք հանգստանալու, ― ասաց Գավրիլինը։ ― Դու ի՞նչ է, ծխե՞լ ես։
 +
 +
― Ծխել եմ, ― խոստովանեց Տրեուխովը, ― չդիմացա։
 +
 +
Ընտանեկան երեկույթին սոված ու շատ ծխած Տրեուխովը խմեց երեք ըմպանակ օղի և բոլորովին հարբեց։ Նա համբուրվում էր բոլորի հետ, և բոլորը համբուրում էին նրան։ Նա ուզում էր մի քաղցր խոսք ասել կնոջը, բայց միայն ծիծաղեց։ Հետո երկար ժամանակ թափահարում էր Գավրիլինի ձեռքը և ասում․
 +
 +
― Խելա՛ռ։ Դու պետք է սովորես նախագծել երկթուղային կամուրջներ։ Հիանալի գիտություն է դա։ Եվ որ գլխավորն է՝ բացարձակապես հասարակ։ Կամուրջ Հուդզոնի վրա․․․
 +
 +
Կես ժամ անց նա վերջնականապես հալից ընկավ և բուրժուական մամուլի դեմ ուղղված մի ֆիլիպիկա արտասանեց։
 +
 +
― Այդ ֆարսի ակրոբատնե՛րը, այդ գրչի բորենինե՛րը։ Ռոտացիոն մեքենաների այդ վիրտուոզնե՛րը, ― բղավում էր նա։
 +
 +
Կինը նրան տուն տարավ կառքով։
 +
 +
― Ուզում եմ գնալ տրամվայով, ― ասում էր նա կնոջը, ― ինչպե՞ս այդ չես հասկանում դու։ Եթե տրամվայ կա, ուրեմն պետք է գնալ նրանով։ Ինչո՞ւ։ Նախ և առաջ դա ձեռնտու է․․․
 +
 +
 +
Պոլեսովը գնում էր կոնցեսիոներների ետևից, երկար ժամանակ դիմանում էր և, հարմար րոպե գտնելով, երբ շուրջը ոչ ոք չկար, մոտեցավ Վորոբյանինովին։
 +
 +
― Բարի երեկո, պարոն Իպոլիտ Մատվեևիչ, ― ասաց նա հարգանքով։
 +
 +
Վորոբյանինովը իրեն վար զգաց․
 +
 +
― Ես պատիվ չեմ ունեցել, ― քրթմնջաց նա։
 +
 +
Օստապը առաջ գցեց աջ ուսը և մոտեցավ փականակագործ ինտելիգենտին։
 +
 +
― Հը, ― ասաց նա, ― ի՞նչ եք ուզում ասել իմ ընկերոջը։
 +
 +
― Անհանգստանալու ոչինչ չկա, ― շշնջաց Պոլեսովը։ ― Ես եկել եմ Ելենա Ստանիսլավնովնայի մոտից․․․
 +
 +
― Ինչպե՞ս։ Նա այստե՞ղ է։
 +
 +
― Այստեղ է։ Եվ շատ է ուզում ձեզ տեսնել։
 +
 +
― Ինչո՞ւ, ― հարցրեց Օստապը։ ― Իսկ դուք ո՞վ եք։
 +
 +
― Ես․․․ Դուք, Իպոլիտ Մատվեևիչ, ոչ մի վատ բան մի կարծեք։ Դուք ինձ չեք ճանաչում, բայց ես ձեզ շատ լավ եմ հիշում։
 +
 +
― Ես կուզենայի անցնել Ելենա Ստանիսլավնովնայի մոտ, ― անվճռականորեն ասաց Վորոբյանինովը։
 +
 +
― Նա շատ է խնդրում ձեզ անցենլ։
 +
 +
― Լավ, բայց նա որտեղի՞ց գիտեր․․․
 +
 +
― Ես ձեզ հանդիպեցի կոմունխոզի միջանցքում և երկար ժամանակ մտածում էի՝ ծանոթ դեմք է։ Հետո հիշեցի։ Դուք, Իպոլիտ Մատվեևիչ, ոչ մի բանի համար մի հուզվեք։ Ամեն ինչ բոլորովին գաղտնի կլինի։
 +
 +
― Ծանոթ կի՞ն է, ― գործիմացորեն հարցրեց Օստապը։
 +
 +
― Հա, հին ծանոթ է․․․
 +
 +
― Այդ դեպքում գուցե գնանք ընթրելու, հին ծանոթուհու մոտ։ Ես, օրինակ, խենթորեն խժռել եմ ուզում, մինչդեռ ամեն տեղ փակ է։
 +
 +
― Չեմ առարկում։
 +
 +
― Այդ դեպքում գնանք։ Առաջնորդեցե՛ք մեզ, խորհրդավոր անծանոթ։
 +
 +
Եվ Վիկտոր Միխայլովիչը միջանցուկ բակերով, ամեն րոպե շուրջը նայելով, կամպանյոններին առաջնորդեց Պերելեշինյան նրբանցքում գտվող գուշակուհու տունը։
 +
 +
 +
==«Սրի և խոփի միությունը==
 +
 +
 +
Երբ կինը պառավում է, նրա հետ կարող են բազում անախորժություններ պատահել․ կարող են ատամները թափվել, մազերը նոսրանալ ու սպիտակել, շնչարգելություն առաջանալ, կարող է գիրանալ, կարող է անասելի նիհարել, բայց նրա ձայնը չի փոխվի։ Այն կմնա ճիշտ այնպես, ինչպես եղել է գիմնազիստկա, հարսնացու, կամ մի ջահել թեթևսոլիկ սիրուհին եղած օրերին։
 +
 +
Այդ իսկ պատճառով, երբ Պոլեսովը դուռը բախեց և Ելենա Ստանիսլավովնան հարցրեց՝ «ո՞վ է», ― Վորոբյանինովը ցնցվեց։ Նրա սիրուհու ձայնը նույնն էր, ինչ իննսունինը թվականին, փարիզյան ցուցահանդեսի բացման նախօրյակին։ Բայց սենյակ մտնելուց և կոպերը լույսից սեղմելուց հետո, Իպոլիտ Մատվեևիչը տեսավ, որ երբեմնի գեղեցկությունից հետք անգամ չի մնացել։
 +
 +
― Ինչպես փոխվե՜լ եք, ― ասաց նա ակամայից։
 +
 +
Պառավը փարվեց նրա վզին։
 +
 +
― Շնորհակալություն, ― ասաց նա, ― ես գիտեմ, թե ինչ ռիսկ եք արել ինձ մոտ գալով։ Դուք նույն մեծահոգի ասպետն եք մնացել։ Ես ձեզ չեմ հարցնում, թե ինչո՞ւ եք եկել Փարիզից։ Տեսնում եք, ես հետաքրքրասեր չեմ։
 +
 +
― Բայց ես ամենևին Փարիզից չեմ գալիս, ― շփոթված ասաց Վորոբյանինովը։
 +
 +
― Ես ու իմ կոլեգան ժամանել ենք Բեռլինից, ― ուղղեց Օստապը, սեղմելով Իպոլիտ Մատվեևիչի արմունկը, ― այդ մասին խորհուրդ չի տրվում բարձրաձայն ասել։
 +
 +
Ա՛հ, այնպես ուրախ եմ ձեզ տեսնելուս համար, ― ճչաց գուշակուհին։ ― Համեցեք այստեղ, այս սենյակը․․․ Իսկ դուք, Վիկտոր Միխայլովիչ, ներեցեք, միգուցե անցնեք մի կես ժամ հետո՞։
 +
 +
― Օ՜, նկատեց Օստապը։ ― Առաջին տեսակցությո՜ւն։ Դժվարին րոպենե՜ր։ Թույլ տվեք ինձ ևս հեռանալ։ Դուք թույլ կտա՞ք ձեզ հետ, սիրելի Վիկտոր Միխայլովիչ։
 +
 +
Փականակագործը ուրախությունից դողաց։ Երկուսով գնացին Պոլեսովի բնակարանը, որտեղ Օստապը, նստելով Պերելեշինյան նրբանցքի N 5 տան դարբասի բեկորների վրա, շվարած մոտորատեր միայնակ֊տնայնագործի առջև սկսեց զարգացնել ֆանտաստիկ գաղափարներ, որոնք հակում էին հայրենիքի փրկությանը։
 +
 +
Մի ժամ անց նրանք վերադարձան և ծերերին գտան միանգամայն թալկացած։
 +
 +
― Իսկ դուք հիշո՞ւմ եք, Ելենա Ստանիսլավովնա, ― ասում էր Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Իսկ դուք հիշո՞ւմ եք, Իպոլիտ Մատվեևիչ, ― ասում էր Ելենա Ստանիսլավովնան։
 +
 +
«Կարծես հասել է ընթրիքի հոգեբանական մոմենտը», ― անցավ Օստապի մտքով։ Եվ, ընդհատելով քաղաքային վարչության ընտրությունները վերհիշող Իպոլիտ Մատվեևիչին, ասաց․
 +
 +
― Բեռլինում մի շատ տարօրինակ սովորություն կա․ այնտեղ այնքան ուշ են ուտում, որ դժվար է հասկանալ՝ վաղ ընթրի՞ք է դա, թե ուշացած ճաշ։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան սթափվեց, ճագարի հայացքը հեռացրեց Վորոբյանինովից և քարշ գալով գնաց խոհանոց։
 +
 +
― Իսկ հիմա գործե՛լ, գործե՛լ, և գործե՛լ, ― ասաց Օստապը, ձայնը ցածրացնելով լիակատար անլեգալության աստիճանի։
 +
 +
Նա բռնեց Պոլեսովի ձեռքը։
 +
 +
― Պառավը չի՞ խաբի։ Հուսալի՞ կին է։
 +
 +
Պոլեսովը ձեռքերը խաչեց կրծքին, ինչպես աղոթելիս։
 +
 +
― Ձեր քաղաքական դավանա՞նքը։
 +
 +
― Մի՛շտ, ― խանդավառ պատասխանեց Պոլեսովը։
 +
 +
― Դուք, հուսով եմ, կիրիլական եք։
 +
 +
― Ճի՛շտ այդպես։
 +
 +
Պոլեսովը լարի պես ձգվեց։
 +
 +
― Ռուսաստանը ձեզ չի՛ մոռանա, ― բղավեց Օստապը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը, ձեռքին քաղցր կարկանդակ բռնած, տարակուսանքով լսում էր Օստապին, բայց նրան պահել չէր լինի։ Նա տրանսի մեջ էր։ Մեծ կոմբինատորը միջակից բարձր շանտաժից առաջ զգում էր ոգևորություն, արբեցուցիչ վիճակ։ Նա հովազի պես անց ու դարձ էր անում սենյակում։
 +
 +
Այդ գրգռված վիճակում գտավ նրան Ելենա Ստանիսլավովնան, որը խոհանոցից դժվարությամբ քարշ էր տալիս ինքնաեռը։ Օստապը քաղաքավարի կերպով նետվեց դեպի նա, վերցրեց ինքնաեռը և դրեց սեղանին։ Ինքնաեռը սուլեց։ Օստապը որոշեց գործել։
 +
 +
― Մադա՛մ, ― ասաց նա, ― մենք երջանիկ ենք հանձին ձեզ տեսնելու․․․
 +
 +
Նա չգիտեր, թե ումն է երջանիկ տեսնելու հանձին Ելենա Ստանիսլավովնայի։ Ստիպված էր նորից սկսել։ Ցարական ռեժիմի բոլոր փքուն դարձվածքներից գլխում պտտվում էր միայն մի ինչ֊որ «ողորմածաբար հաճեց հրամայել»։ Բայց դա տեղին չէր։ Ուստի և սկսեց գործնականորեն։
 +
 +
― Խի՛ատ գաղտնի։ Պետական գաղտնիք է։
 +
 +
Օստապը ձեռքով ցույց տվեց Վորոբյանինովին․
 +
 +
― Ո՞վ է, ձեր կարծիքով, այս հուժկու ծերուկը։ Մի ասեք, դուք այդ չեք կարող իմանալ։ Սա մտքի հսկա է, ռուսական դեմոկրատիայի հայրը և կայսեր մոտ կանգնած անձնավորություն։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ոտքի ելավ իր պարթև հասակով և շփոթված նայեց շուրջը։ Նա ոչինչ չէր հասկանում, բայց փորձից գիտենալով, որ Օստապ Բենդերը երբեք զուր չի խոսում, լռեց։ Տեղի ունեցածը դող էր առաջացրել Պոլեսովի մեջ։ Նա կանգնել էր մորուքը առաստաղին ցցած, հանդիսավոր երթով անցնելու պատրաստ մարդու կեցվածքով։ Ելենա Ստանիսլավովնան նստեց աթոռին, ահուդողով Օստապին նայելով։
 +
 +
― Մերոնք քաղաքում շա՞տ են, ― հարցրեց Օստապը կարճ ու կտրուկ։ ― Ինչպիսի՞ն է տրամադրությունը։
 +
 +
― Բացակայության առկայության դեպքում․․․ ― ասաց Վիկտոր Միխայլովիչը և սկսեց խառնաշփոթ բացատրել իր գլխին եկածները։ Այստեղ կար և՛ N5 տան դռնապանը, իր մասին մեծ կարծիք ունեցող այդ գյադան, և՛ երեք ութերորդական դյույմի պլաշկան, և տրամվայը և նման բաներ։
 +
 +
― Լա՛վ, ― որոտաց Օստապը։ ― Ելենա Ստանիսլավովնա։ Ձեր օգնությամբ մենք ուզում ենք կապվել քաղաքի լավագույն մարդկանց հետ, որոնց չար ճակատագիրը ընդհատակ է քշել։ Ո՞ւմ կարելի է հրավիրել ձեզ մոտ։
 +
 +
― Ում կարելի է հրավիրե՞լ։ Գուցե Մաքսիմ Պետրովիչի՞ն իր կնոջ հետ։
 +
 +
― Առանց կնոջ, ― ուղղեց Օստապը, ― առանց կնոջ։ Դուք միակ հաճելի բացառությունն եք լինելու։ Էլ ո՞ւմ։
 +
 +
Քննարկմանը, որին գործուն մասնակցություն բերեց և Վիկտոր Միխայլովիչը, պարզվեց, որ կարելի է հրավիրել նույն Մաքսիմ Պետրովիչ Չարուշնիկովին՝ քաղաքային դումայի նախկին իրավասուին, իսկ այժմ հրաշալի կերպով սովաշխատողների շարքը դասվածին, «Բիստրոուպակի» տեր Դյադևին, Օդեսյան բուբլիկների «Մոսկովյան օղաբլիթ» արտելի նախագահ Կիսլյարսկուն և երկու անազգանուն, բայց միանգամայն հուսալի երիտասարդների։
 +
 +
― Այդ դեպքում խնդրում եմ հիմա ևեթ դրանց հրավիրել փոքրիկ խորհրդակցության։ Մեծագույն գաղտնապահությամբ։
 +
 +
Խոսեց Պոլեսովը։
 +
 +
― Ես կվազեմ Մաքսիմ Պետրովիչի մոտ, Նիկեշայի և Վլադյաի ետևից, իսկ դուք, Ելենա Ստանիսլավովնա նեղություն կրեք և անցեք «Բիստրոուպակ» և Կիսլյարսկու ետևից։
 +
 +
Պոլեսովը սլացավ։ Գուշակուհին ակնածանքով նայեց Իպոլիտ Մատվեևիչին և նույնպես գնաց։
 +
 +
― Սա ի՞նչ է նշանակում, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Սա նշանակում է, ― պատասխանեց Օստապը, ― որ դուք հետամնաց մարդ եք։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Որովհետև։ Ներեցեք տափակ հարցիս համար, որքա՞ն փող ունեք։
 +
 +
― Ի՞նչ փող։
 +
 +
― Ամեն տեսակի։ Ներառյալ արծաթն ու պղինձը։
 +
 +
― Երեսունհինգ ռուբլի։
 +
 +
― Եվ այդ փողերով պատրաստվում էիք ծածկե՞լ մեր ձեռնարկության բոլոր ծախսերը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը լուռ էր։
 +
 +
― Ահա թե ինչ, թանկագին պատրոն։ Ինձ թվում է, որ դուք ինձ հասկանում եք։ Դուք ստիպված եք մի ժամով լինելու մտքի տիտան և կայսեր մոտ կանգնած անձնավորություն։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Որովհետև մեզ շրջանառու կապիտալ է պետք։ Վաղը իմ հարսանիքն է։ Ես մուրացկան չեմ։ Ես ուզում եմ այդ նշանակալից օրը քեֆ անել։
 +
 +
― Իսկ ինչ պիտի անեմ ես, ― տնքաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Դուք պետք է լռեք։ Երբեմն, ծանրակշիռ երևալու համար, այտերդ ուռցրեք։
 +
 +
― Բայց չէ որ դա․․․ խաբեություն է․․․
 +
 +
― Ո՞վ է ասում այդ։ Այդ ասում է կոմս Տոլստո՞յը։ Թե՞ Դարվինը։ Ո՛չ։ Ես դա լսում եմ մի մարդու շուրթերից, որը դեռ երեկ պատրաստվում էր գիշերը մտնել Գրիցացուևայի բնակարանը և գողանալ խեղճ այրու կահույքը։ Երկար֊բարակ մի մտածեք։ Լռեցե՛ք։ Եվ չմոռանաք այտերն ուռեցնել։
 +
 +
― Ի՞նչ հարկ կա վտանգավոր գործի մեջ մտնելու։ Չէ՞ որ կարող են մատնել։
 +
 +
― Դրա համար մի անհանգստանաք։ Ես վատ շանսերի ետևից ընկնող չեմ։ Գործն այնպես կտարվի, որ ոչ ոք ոչինչ չի հասկանա։ Եկեք թեյ խմենք։
 +
 +
Մինչ կոնցեսիոներները թեյ կխմեին և կուտեին, իսկ թութակը կչրթեր արևածաղկի կճեպները, բնակարան մտան հյուրերը։
 +
 +
Նիկոշան և Վլադյան եկան Պոլեսովի հետ։ Վիկտոր Միխայլովիչը չէր համարձակվում երիտասարդներին ներկայացնել մտքի հսկային։ Նրանք նստեցին անկյունում և սկսեցին հետևել, թե ինչպես ռուսական դեմոկրատիայի հայրը հորթի սառը միս է ուտում։ Նիկեշան և Վլդյան միանգամայն հասունացած դմբոներ էին։ Նրանցից յուրաքանչյուրը երեսունի մոտ կլիներ։ Ըստ երևույթին նրանց շատ էր դուր եկել այն, որ իրենց նիստի են հրավիրել։
 +
 +
Քաղաքային դումայի նախկին իրավասու Չարուշնիկովը, մի գեր ծերուկ, երկար ժամանակ թափահարում էր Իպոլիտ Մատվեևիչի ձեռքը և նայում նրա աչքերին։ Օստապի հսկողության տակ քաղաքի հին բնակիչներն սկսեցին հիշողություններ փոխանակել։ Նրանց մի կուշտ խոսելու հնարավորություն տալուց հետո, Օստապը դիմեց Չարուշնիկովին․
 +
 +
― Դուք ո՞ր գնդում էիք ծառայում։
 +
 +
Չարուշնիկովը փնչացրեց։
 +
 +
― Ես․․․ ես, այսպես ասած, ընդհանրապես չեմ ծառայել, որովհետև, օժտված լինելով հասարակության վստահությամբ, անցնում էի ընտրություններով։
 +
 +
― Դուք ազնվակա՞ն եք։
 +
 +
― Այո։ Եղել եմ։
 +
 +
― Հուսով եմ, որ դուք հիմա է՞լ նույնն եք մնացել։ Դիմացե՛ք։ Անհրաժեշտ կլինի ձեր օգնությունը։ Պոլեսովը ձեզ ասե՞լ է։ Արտասահմանը մեզ կօգնի։ Մնում է հասարակական կարծիքը։ Կազմակերպության լիակատար գաղտնապահություն։ Ուշադրությո՛ւն։
 +
 +
Օստապը Պոլեսովին քշեց Նիկեշայի և Վլադյայի մոտից և անկեղծ խստությամբ հարցրեց․
 +
 +
― Ո՞ր գնդում եք ծառայել։ Հարկ կլինի ծառայել հայրենիքին։ Դուք ազնվականնե՞ր եք։ Շատ լավ։ Արևմուտքը մեզ կօգնի։ Դիմացե՛ք։ Ավանդների, այսինքն կազմակերպության լիակատար գաղտնապահությո՛ւն։ Ուշադրությո՛ւն։
 +
 +
Օստապը ոգեևորվեց։ Գործն ասես կարգավորվում էր։ Նա մի կողմ տարավ Ելենա Ստանիսլավնովնայի ներկայացրած «Բիստրոուպակի» տիրոջը, առաջարկեց նրան դիմանալ, իմացավ՝ որ գնդումն է ծառայել և խոստացավ արտասահմանի օժանդակություն և կազմակերպության լիակատար գաղտնապահություն։ «Բիստրոուպակի» տիրոջ առաջին զգացած ցանկությունն էր, որքան հնարավոր է շուտ փախչել դավադրական այդ բնակարանից։ Նա իր ֆիրման բավականին պատկառելի էր համարում նման ռիսկոտ գործի մեջ մտնելու համար։ Բայց ոտքից գլուխ չափելով Օստապի ճարպիկ կերպարանքը, նա տատանվեց և սկսեց խորհել։ «Հանկարծ ու․․․ Ասենք, ամեն բան կախված է նրանից, թե ինչ համեմունքներով է մատուցվելու այդ ամենը»։
 +
 +
Մտերմական զրույցը թեյասեղանի շուրջը աշխուժացավ։ Հաղորդակից եղածները սրբորեն պահպանում էին գաղտնիքը և խոսում քաղաքային նորությունների մասին։
 +
 +
Վերջինը եկավ քաղաքացի Կիսլյարսկին, որը ազնվական չլինելով և գվարդիական գնդերում բնավ չծառայելով, Օստապի հետ կարճ խոսակցությունից հետո անմիջապես պարզեց իր համար իրերի դրությունը։
 +
 +
― Դիմացե՛ք, ― ասաց Օստապը խրատական ձևով։
 +
 +
― Կիսլյարսկին խոստացավ։
 +
 +
― Դուք, իբրև մասնավոր կապիտալի ներկայացուցիչ, չպետք է խուլ մնաք ժողովրդի հառաչանքների հանդեպ։
 +
 +
Կիսլյարսկին կարեկցանքով տխրեց։
 +
 +
― Դուք գիտե՞ք, թե ով է այդ նստածը, ― հարցրեց Օստապը, ցույց տալով Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Ինչպես չէ, ― պատասխանեց Կիսլյարսկին, ― դա պարոն Վորոբյանինովն է։
 +
 +
― Սա, ― ասաց Օստապը, ― մտքի հսկա է, ռուսական դեմոկրատիայի հայրը, կայսեր մոտ կանգնած անձնավորություն։
 +
 +
«Լավագույն դեպքում՝ երկու տարի մեկուսացումով, ― մտածեց Կիսլյարսկին, դողդողալ սկսելով։ ― Ինչո՞ւ եկա այստեղ»։
 +
 +
― Սրի և խոփի գաղտնի միություն, ― չարագուշակորեն շշնջաց Օստապը։
 +
 +
«Տասը տարի», ― անցավ Կիսլյարսկու մտքով։
 +
 +
― Ասենք, դուք կարող եք գնալ, բայց զգուշացնում եմ, մեր ձեռքերը երկար են։
 +
 +
«Ես քեզ ցույց կտամ, շուն շանորդի, ― մտածեց Օստապը։ ― Հարյուր ռուբլուց որ պակաս տաս, ես քեզ բաց թողնողը չեմ»։
 +
 +
Կիսլյարսկին դարձավ մարմարյա։ Դեռ այսօր նա այնպես հանգիստ ու համով ճաշում էր, ուտում էր հավի բդեր, բուլյոն և ոչինչ չգիտեր «սրի ու խոփի» սարսափելի միության մասին։ Նա մնաց․ «երկար ձեռքերը» տհաճ տպավորություն թողեցին նրա վրա։
 +
 +
― Քաղաքացինե՛ր, ― ասաց Օստապը, բացելով նիստը։ ― Կյանքն իր օրենքներն է թելադրում, իր դաժան օրենքները։ Ես չեմ ասի մեր ժողովի նպատակի մասին, այն ձեզ հայտնի է։ Սուրբ նպատակ է։ Ամեն տեղից մենք հառաչանքներ ենք լսում։ Մեր ընդարձակ երկրի բոլոր կողմերից օգնություն են աղերսում։ Մենք պետք է օգնության ձեռք մեկնենք և կմեկնենք։ Ձեզանից ոմանք ծառայում և հաց ու կարագ են ուտում, մյուսները զբաղվում են տարավայր զբաղմունքով և խավյարով բուտերբրոդ են ուտում։ Թե մեկը և թե մյուսները քնում են իրենց անկողիններում և ծածկվում են տաք վերմակներով։ Միայն փոքրիկ երեխաներն են, որ գտնվում են առանց խնամքի։ Այդ փողոցի ծաղիկները, կամ, ինչպես արտահայտվում են մտավոր աշխատանքի պրոլետարները, ասֆալտի ծաղիկները ավելի լավ բախտի են արժանի։ Մենք, պարոնայք երդվյալ ատենակալներ, պետք է օգնենք նրանց։ Եվ մենք, պարոնայք երդվյալ ատենակալներ, կօգնենք նրանց։
 +
 +
Մեծ կոմբինատորի ճառը տարբեր զգացմունքներ առաջացրեց ունկնդիրների մեջ։
 +
 +
Պոլեսովը չհասկացավ իր նոր ընկերոջը՝ երիտասարդ գվարդիականին։
 +
 +
«Ի՞նչ երեխաներ, ― մտածեց նա։ ― Ինչո՞ւ երեխաներ»։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը նույնիսկ չէր էլ աշխատում որևէ բան հասկանալ։ Նա վաղուց արդեն ձեռք էր քաշել ամեն ինչից և լուռ նստել էր, այտերը ուռցնելով։
 +
 +
Ելենա Ստաիսլավովնան տխրեց։
 +
 +
Նիկեշան և Վլադյան նվիրվածորեն նայում էին Օստապի երկնագույն ժիլետին։
 +
 +
«Բիստրոուպակի» տերը անասելի գոհ էր։
 +
 +
«Գեղեցիկ է կազմված, ― որոշեց նա, ― այդ սոուսի տակ փող էլ կարելի է տալ։ Հաջողության դեպքում՝ պատիվ։ Բան դուրս չեկավ՝ ես բանից բեխաբար եմ։ Օգնել եմ երեխաներին՝ և ուրիշ ոչինչ»։
 +
 +
Չարուշնիկովը նշանակալից հայացք փոխանակեց Դյադևի հետ և, լիովին գնահատելով զեկուցողի կոնսպիտատիվ ճարպկությունը, շարունակեց հացի գնդակներ գլորել սեղանի վրա։
 +
 +
Կիսլյարսկին յոթերորդ երկնքումն էր։
 +
 +
«Ոսկի գլուխ է», ― մտածում էր նա։ Նրան թվում էր, թե ինքը ոչ մի ժամանակ այդպես ուժգին չի սիրել անապաստան երեխաներին, ինչպես այդ երեկո։
 +
 +
― Ինկերնե՛ր, ― շարունակեց Օստապը։ ― Անհապաղ օգնություն է հարկավոր։ Մենք պետք է պոկենք երեխաներին փողոցի կառչուն ճանկերից, և մենք կպոկե՛նք նրանց։ Օգնե՛նք երեխաներին։ Հիշե՛նք, որ երեխաները կյանքի ծաղիկներն են։ Ես ձեզ հրավիրում եմ իսկույն ևեթ մուծումներ կատարել և օգնել երեխաներին, միայն երեխաներին և ուրիշ ոչ ոքի։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։
 +
 +
Օստապը կողքի գրպանից հանեց անդորագրերի գրքույկը։
 +
 +
― Խնդրում եմ մուծումներ կատարել։ Իպոլիտ Մատվեևիչը կհաստատի իմ լիազորությունները։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը փքվեց և գլուխը կախեց։ Այս դեպքում ոչ խելահաս Նիկեշան ու Վլադյան և դեսուդեն ընկնող փականակագործն անգամ հասկացան Օստապի այլաբանությունների գաղտնի էությունը։
 +
 +
― Ավագության կարգով, պարոնայք, ― ասաց Օստապը, ― կսկսենք հարգարժան Մաքսիմ Պետրովիչից։
 +
 +
Մաքսիմ Պետրովիչը տեղում շուռումուռ եկավ և զոռով մի երեսուն ռուբլի տվեց։
 +
 +
― Լավ օրեր գան՝ ավելին կտամ, ― հայտարարեց նա։
 +
 +
― Շուտով վրա կհասնեն լավ օրերը, ― ասաց Օստապը։ ― Ասենք դա չի վերաբերում անապաստան երեխաներին, որոնց ես ներկա մոմենտում ներկայացնում եմ։
 +
 +
Ութ ռուբլի տվեցին Նիկեշան և Վլադյան։
 +
 +
― Քիչ է, երիտասարդներ։
 +
 +
Երիտասարդները կարմրեցին։
 +
 +
Պոլեսովը վազեց տուն և բերեց հիսուն ռուբլի։
 +
 +
― Բրավո՛, հուսար, ― ասաց Օստապը։ ― Մոտորատեր միայնակ հուսարի համար առաջին անգամ այդքանն էլ բավական է։ Ի՞նչ կասի վաճառականությունը։
 +
 +
Դյադևն ու Կիսլյարսկին երկար֊բարակ սակարկեցին և տրտնջացին հավասարարական հարկերից։ Օստապն անդրդվելի էր։
 +
 +
― Իպոլիտ Մատվեևիչի ներկայությամբ այդ խոսակցություններն ավելորդ են։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը գլուխը կախեց։ Վաճառականները երեխաների օգտին նվիրաբերեցին երկու հարյուրական ռուբլի։
 +
 +
― Ընդամենը, ― բարձրաձայն հայտարարեց Օստապը, ― չորս հարյուր ուսունութ ռուբլի։ Է՜խ, տասներկու ռուբլի է պակասում կլոր հաշվի համար։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան, որը երկար ժամանակ դիմանում էր, գնաց ննջարան և ռեդիկյուլով բերեց պահանջվող տասներկու ռուբլին։
 +
 +
Նիստի մնացած մասը սվաղվեց և պակաս հանդիսավոր բնույթ ուներ։ Ելենա Ստանիսլավովնան բոլորովին փափկեց։ Հյուրերը հետզհետե ցրվում էին, հարգալիր հրաժեշտ տալով կազմակերպիչներին։
 +
 +
― Հետևյալ նիստի մասին հատուկ ծանուցում կլինի, ― ասում էր Օստապը հրաժեշտ տալիս, ― խստագույն գաղտնապահություն։ Երեխաների օգնության գործը պետք է խիստ գաղտնի պահել․․․ Ի դեպ, դուք անձնապես շահագրգռված պետք է լինեք դրանում։
 +
 +
Այդ խոսքերի ժամանակ Կիսլյարսկու մոտ ցանկություն առաջացավ ևս հիսուն ռուբլի տալու և այլևս ոչ մի նիստի չգալու։ Նա հազիվ էր իրեն պահում այդ պոռթկումից։
 +
 +
― Դե, ― ասաց Օստապը, ― շարժվենք առաջ։ Դուք, Իպոլիտ Մատվեևիչ, հույս ունեմ կօգտվեք Ելենա Ստանիսլավովնայի հյուրընկալությունից և կգիշերեք նրա մոտ։ Ի դեպ, գաղտնապահության համար էլ մեզ օգտկար է առժամանակ բաժանվել։ Իսկ ես գնացի։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հուսահատ աչքով էր անում Օստապին, բայց վերջինս չնկատելու տվեց և դուրս եկավ փողոց։
 +
 +
Մի թաղամաս անցնելուց հետո նա հիշեց, որ գրպանում ունի ազնվորեն վաստակած հինգ հարյուր ռուբլի։
 +
 +
― Կառապա՛ն, ― բղավեց նա։ ― Տա՛ր ինձ «Ֆենիկս»։
 +
 +
― Էդ կարելի է, ― ասաց կառապանը։
 +
 +
Նա առանց շտելու Օստապին հասցրեց մինչև փակ ռեստորանը։
 +
 +
― Սա ինչ բան է։ Փա՞կ է։
 +
 +
― Մայիսի մեկի պատճառով։
 +
 +
― Վա՛յ ես դրանց։ Որքան ասես փող կա, բայց քեֆ անելու տեղ չկա։ Դե քշի՛ր ուրեմն Պլեխանովի փողոցը։ Գիտե՞ս։
 +
 +
Օստապը որոշեց գնալ իր հարսնացուի մոտ։
 +
 +
― Իսկ առաջ ո՞նց էր կոչվում էդ փողոցը, ― հարցրեց կառապանը։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Բա ո՞ւր գնանք։ Ես էլ չգիտեմ։
 +
 +
Այնուհանդերձ Օստապը հրամայեց գնալ և որոնել։
 +
 +
Մեկ ու կես ժամի չափ նրանք պտտեցին ամայի քաղաքում, հարձուփորձ անելով գիշերային պահակներին և միլիցիոներներին։ Մի միլիցիոներ երկար տքնեց և վերջապես հաղորդեց, թե Պլեխանովի փողոցը կա֊չկա նախկին Գուբերնատորսկին է։
 +
 +
― Հա՜, Գուբերնատորսկին։ Ես Գուբերնատորսկին լավ գիտեմ։ Քսանհինգ տարի է մարդ եմ տանում Գուբերնատորսկի փողոցը։
 +
 +
― Դե, քշի՛ր, ուրեմն։
 +
 +
Եկան Գուբերնատորսկի, բայց պարզվեց, որ դա Պլեխանովի փողոցը չէ, այլ Կարլ Մարքսի։
 +
 +
Գազազած Օստապը վերսկսեց Պլեխանովի անվան կորած փողոցի որոնումները։ Բայց չգտավ։
 +
 +
Այգաբացը դալկորեն լուսավորեց հարուստ տառապյալի դեմքը, որն այնպես էլ չկարողացավ զվարճանալ։
 +
 +
― Տա՛ր ինձ «Սորբոն», ― բղավեց նա։ ― Ի՜նչ կառապան ես։ Պլեխանովին էլ չգիտես։
 +
 +
 +
Այրի Գրիցացուևայի ապարանքը շողշողում էր։ Հարսանյաց սեղանի գլխին նստել էր մարյաժային թագավորը՝ տաճկահպատակի որդին։ Նա էլեգանտ էր ու հարբած։ Հյուրերը աղմկում էին։
 +
 +
Նորահարսն արդեն ջահել չէր։ Առնվազն երեսունհինգ տարեկան կլիներ։ Բնությունը առատորեն էր օժտել նրան։ Այստեղ ամեն ինչ կար․ ձմերկուկանման կուրծք, քիթը՝ կացնի գլուխ, նախշուն այտեր և հզոր ծոծրակ։ Նոր ամուսնուն նա պաշտում էր և շատ վախենում նրանից։ Ուստի և նրան կոչում էր ոչ թե անունով կամ հայրանունով, որն այնպես էլ մինչև վերջը չիմացավ, այլ ազգանունով՝ ընկեր Բենդեր։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կրկին նստել էր նվիրական աթոռին։ Հարսանյաց ընթրիքի ողջ ժամանակամիջոցում նա ցատկոտում էր աթոռի վրա, որպեսզի կոշտություն զգա։ Երբեմն այդ հաջողվում էր նրան։ Այդ ժամանակ բոլոր ներկա եղողները դուր էին գալիս նրան և նա կատաղիորեն սկսում էր գոռալ՝ «գո՜րկո»։
 +
 +
Օստապը շարունակ ճառեր, բաժակաճառեր և ողջունաճառեր էր արտասանում։ Խմեցին ժողովրդական լուսավորության և Ուզբեկիստանի ոռոգման կենացը։ Դրանից հետո հյուրերն սկսեցին ցրվել։ Իպոլիտ Մատվեևիչը ոտքը կախ գցեց նախասրահում և շշնջաց Բենդերին․
 +
 +
― Ուրեմն չձգձգեք։ Նրանք այնտեղ են։
 +
 +
― Դուք շահամոլ եք, ― պատասխանեց հարբած Օստապը, ― սպասեցեք ինձ հյուրանոցում։ Ոչ մի տեղ չգնաք։ Ես ամեն րոպե կարող եմ գալ։ Վճարեցեք հյուրանոցի հաշիվները։ Որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի։ Ադյո, ֆելդմարշալ։ Բարի գիշեր ցանկացեք ինձ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ցանկացավ և գնաց «Սորբոն» հուզվելու։
 +
 +
Առավոտյան ժամը հինգին հայտնվեց Օստապը աթոռով։ Իպոլիտ Մատվեևիչը խիստ ազդվեց։ Օստապն աթոռը դրեց սենյակի մեջտեղը և նստեց վրան։
 +
 +
― Այդ ինչպե՞ս հաջողվեց ձեզ, ― ասաց, վերջապես, Վորոբյանինովը։
 +
 +
― Շատ հասարակ, ընտանեվարի։ Այրին քնել և երազ էր տեսնում։ Մեղք էր արթնացնել։ «Արշալույսին մի արթնացրու դու նրան»։ Ավա՜ղ։ Ստիպված եղա սիրածիս երկտող թողնել․ «Զեկուցումով մեկնում եմ Նովոխոպերսկ։ Ճաշին մի սպասի։ Քո Ալվըլիկ»։ Իսկ աթոռը չանթեցի ճաշասենյակից։ Առավոտվա այս ժամերին տրամվայ չի լինում ― ճանապարհին հանգստանում էի աթոռի վրա։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը գռմռոցով նետվեց դեպի աթոռը։
 +
 +
― Կամաց, ― ասաց Օստապը, ― պետք է գործել անաղմուկ։
 +
 +
Նա գրպանից հանեց տափակբերան աքցանը և աշխատանքը եռաց․
 +
 +
― Դուք դուռը փակեցի՞ք, ― հարցրեց Օստապը։
 +
 +
Դեն հրելով անհամբեր Վորոբյանինովին, Օստապը խնամքով բացեց աթոռը, ջանալով չփչացնել անգլիական ծաղկավոր չիթը։
 +
 +
― Այսպիսի կտոր հիմա չկա, սա պետք է պահպանել։ Ապրանքի սով է, ինչ արած։
 +
 +
Այդ ամենը խիստ ջղայնացրեց Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Պատրաստ է, ― կամացուկ ասաց Օստապը։
 +
 +
Նա փոքր֊ինչ բարձրացրեց ծածկույթը և երկու ձեռքով սկսեց որոնել զսպանակների արանքում։ Ճակատի վրա նշմարվեց արյունատար երակը։
 +
 +
― Դե՞, ― կրկնում էր Իպոլիտ Մատվեևիչը տարբեր երանգներով․ ― դե՞մ դե՞։
 +
 +
― Դե և դե, ― պատասխանում էր Օստապը գրգռված, ― մեկ շանս տասնմեկի դիմաց։ Եվ այդ շանսը․․․
 +
 +
Նա մի լավ պրտեց աթոռի ներսը և վերջացրեց․
 +
 +
― Եվ այդ շանսը առայժմ մերը չէ։
 +
 +
Նա ոտքի ելավ ամբողջ հասակով մեկ և սկսեց մաքրել ծնկները։ Իպոլիտ Մատվեևիչը նետվեց դեպի աթոռը։
 +
 +
Ադամանդները չկային։ Իպոլիտ Մատվեևիչի թևերը թուլացան ու կախվեցին։ Բայց Օստապը առաջվա պես կայտառ էր։
 +
 +
― Այժմ մեր շանսերն ավելացան։
 +
 +
Նա անցուդարձ էր անում սենյակում։
 +
 +
― Ոչինչ։ Այս աթոռը այրու վրա ավելի թանկ նստեց, քան մեզ վրա։
 +
 +
Օստապը կողքի գրպանից հանեց մի ոսկե բրոշկա՝ ապակու կտորներով, ոսկյա ուռուցիկ ապարանջան, կես դյուժին ոսկեջրած գդալներ և թեյքամիչ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը վշտից նույնիսկ գլխի չընկավ, որ ինքը սովորական գողության մասնակից է դարձել։
 +
 +
― Գռեհիկ բան է, ― նկատեց Օստապը, ― բայց համաձայնեք, որ ես չէի կարող լքել իմ սիրած կնոջը, ոչ մի հիշողություն չվերցնելով նրանից։ Սակայն չարժե ժամանակ կորցնել։ Սա դեռ սկիզբն է միայն։ Վերջը Մոսկվայում է։ Իսկ կահույքի թանգարանը ― դա քեզ համար այրի չէ, այնտեղ ավելի դժվար կլինի։
 +
 +
Ընկերակիցները աթոռի կտորտանքները ճխտեցին մահճակալի տակ և,  փողերը հաշվելուց հետո (երեխաների օգտին տրված նվիրաբերությունների հետ միասին դուրս եկավ հինգ հարյուր երեսունհինգ ռուբլի), գնացին կայարան՝ Մոսկվայի գնացքին հասցնելու։
 +
 +
Ստիպված էին ամբողջ քաղաքի միջով անցնել կառք նստած։
 +
 +
Կոոպերատիվային փողոցում նրանք տեսան Պոլեսովին, որը մայթով վազում էր խրտնած քարայծի պես։ Նրա ետևից ընկել էր Պերելեշինյան նրբանցի N 5 տան դռնապանը։ Թեքվելով անկյունը, կոնցեսիոներները կարողացան տեսնել, որ դռնապանը հասավ Վիկտոր Միխայլովիչին և սկսեց դնգսել նրան։ Պոլեսովը բղավում էր «հավա՜ր», և «գյադա՜»։
 +
 +
Մինչև գնացքի մեկնելը նստեցին զուգարանում, վախենալով հանդիպել սիրած կնոջը։
 +
 +
Գնացքը բարեկամներին տանում էր դեպի աղմկոտ կենտրոն։ Բարեկամները կպել էին պատուհանից։
 +
 +
Վագոններ սլանում էին Գուսիշչևի վրայով։
 +
 +
Հանկարծ Օստապը գոռաց և բռնեց Վորոբայնինովի բիցեպսից։
 +
 +
― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― բղավեց նա։ ― Շո՛ւտ։ Ալխենը, շուն շանորդին․․․
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը նայեց ներքև։ Հողաթմբի տակով պնդակազմ ու բեղավոր մի կտրիճ քարշ էր տալիս մի ձեռնասայլակ՝ բեռնված շիկավուն ֆիսհարմոնիայով և պատուհանի հինգ շրջանակներով։ Ձեռնասայլակը հրում էր ամոթխած դեմքով և մկնագույն տոլստովկայով մի քաղաքացի։
 +
 +
Արևը դուրս եկավ ամպի տակից։ Շողշողում էին եկեղեցիների խաչերը։
 +
 +
Օստապը քրքջալով, գլուխը դուրս հանեց պատուհանից և բղավեց․
 +
 +
― Պա՛շկա։ Սև շուկա՞ ես գնում։
 +
 +
Պաշա Էմիլևիչը բարձրացրեց գլուխը, բայց տեսավ միայն վերջին վագոնի բուֆերները և սկսեց ավելի ուժեղ աշխատել ոտքերով։
 +
 +
― Տեսա՞ք, ― ուրախ֊ուրախ հարցրեց Օստապը։ ― Լազա՜թ։ Ա՜յ աշխատում են մարդիկ։
 +
 +
Օստապը թփթփացրեց տխրադեմ Վորոբյանինովի մեջքին։
 +
 +
― Ոչի՛նչ, պապաշա։ Մի՛ վհատվեք։ Նիստը շարունակվում է։ Վաղը երեկոյան մենք Մոսկվայումն ենք։
 +
 +
==Աթոռների օվկիանոսում==
 +
 +
 +
Վիճակագրությունը ամեն բան գիտե։
 +
 +
Ստույգ հաշվի է առնված ՍՍՌՄ֊ի վարելահողի քանակը՝ սևահողի, կավահողի և լյոսահողի ստորաբաժանումներով։ Բոլոր երկսեռ քաղաքացիները խնամքով գրանցված են այն հաստ գրքերում, որոնք այնպես քաջածանոթ են Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին՝ զագսի գրքերում։ Հայտնի է, թե տարվա մեջ որքան և ինչ կերակուր է ուտում ռեսպուբլիկայի միջին քաղաքացին։ Հայտնի է, թե այդ միջին քաղաքացին միջին հաշվով որքան օդի է խմում, մոտավորապես ցույց տալով նաև հետը կերածի քանակը։ Հայտնի է, թե երկրում որքան որսորդներ, պարուհիներ, ատրճանակի հաստոցներ, ամեն ցեղի շներ, հեծանիվներ, հուշարձաններ, աղջիկներ, փարոսներ և կարի մեքենաներ կան։
 +
 +
Որքա՜ն շատ կյանքեր, ավյունով, կրքերով և մտքերով լեցուն կյանքեր են նայում մեզ վիճակագրական աղյուսակներից։
 +
 +
Ո՞վ է այս կարմրաթուշ անհատը, որ անձեռնոցիկը կրծքին կապած նստել է սեղանի մոտ և ախորժակով ոչնչացնում է գոլորշի արձակող կերակուրը։  Նրա շուրջը փռված են մանր ցուլերի նախիրներ։ Պարարտ խոզերը խռնվել են աղյուսակի մի անկյունում։ Վիճակագրական հատուկ ավազանի մեջ լող են տալիս անթիվ և անհամար ձկներ՝ թառափներ, շերեփաձկներ և տառեխներ։ Անհատի ուսերին, ձեռքերին և գլխի վրա հավեր են նստել։ Փետրանման ամպերի մեջ թռչում են ընտանի սագեր, բադեր և հնդուհավեր։ Սեղանի տակ թաքնվել են երկու ճագարներ։ Հորիզոնի վրա բարձրանում են թխած հացի բուրգեր և բաբելոններ։ Մուրաբաներից շինած մի փոքրիկ բերդ ողողվում է կաթի գետով։ Պիզայի աշտարակի մեծության մի վարունգ կանգնած է հորիզոնում։ Աղի, տաքդեղի բերդապատնեշների ետևում վաշտ առ վաշտ մարշի են ելել գինիները, օղիներն ու թրմօղիները։ Արյերգարդում խղճուկ խմբերով քարշ են գալիս անալկոհոլ խմիչքները․ ապաշար նարզանները, լիմոնադներն ու լարացանցերով սիֆոնները։
 +
 +
Ո՞վ է ուրեմն այդ կարմրաթուշ անհատը․ շատակե՞ր է, հարբեցող ու բկլի՞կ։ Գարգանտյուա՞ է, դիպսոդների թագավո՞ր։ Սիլավ Ֆո՞ս։ Առասպելական զինվոր Կարմրաբլուզ Յա՞շկա։ Լուկուլլո՞ս։
 +
 +
Սա Լուկուլլոսը չէ։ Սա Իվան Իվանովիչ Սիդորովն է կամ Սիդոր Սիդորովիչ Իվանովը, միջին քաղաքացին, որն իր կյանքի ընթացքում միջին հաշվով ուտում է աղյուսակի վրա պատկերած բոլոր ուտելեղենները։ Սա կալորիաների և վիտամինների նորմալ սպառող է, քառասուն տարեկան սուսուփուս մի ամուրի, որ ծառայում է գալանտերեայի և տրիկոտաժի պետական խանությում։
 +
 +
Վիճակագրությունից ոչ մի տեղ թաքնվել չի լինի։ Նա ճիշտ տեղեկություններ ունի ոչ միայն ատամնաբույժների, երշիկարանների, սրսկիչների, դռնապանների, կինոռեժիսյորների, պոռնիկների, ծղոտե կտուրների, այրիների, կառապանների և զանգերի քանակի մասին, այլև գիտե անգամ, թե երկրում որքան վիճակագիրներ կան։
 +
 +
Միայն մի բան չգիտե նա։
 +
 +
Չգիտե, թե ՍՍՌՄ֊ում որքան աթոռ կա։
 +
 +
Աթոռներ շատ կան։
 +
 +
Վիճակագրական վերջին մարդահամարը միութենական ռեսպուբլիկաների բնակչության թիվը սահմանեց հարյուր քառասուներեք միլիոն մարդ։ Եթե դեն նետելու լինենք իննսուն միլիոն գյուղացիների, որոնք աթոռների փոխարեն նախապատվություն են տալիս թախտերին, երկար նստարաններին, հողաթախտերին, իսկ Արևելքում՝ մաշված գորգերին, ջեջիմներին, այնուամենայնիվ կմնա հիսուն միլիոն մարդ, որոնց տնային առօրյա կենցաղում աթոռները առաջին անհրաժեշտության առարկաներ են հանդիսանում։ Եթե նկատի առնելու լինենք հաշվումների մեջ թույլ տված սխալները և Միության որոշ քաղաքացիների՝ երկու աթոռների արանքում նստելու սովորությունը, ապա ընդհանուր գումարը համենայն դեպս երկու անգամ կրճատելով, կգտնենք, որ երկրում պետք է լինի քսանվեց ու կես միլիոնից ոչ պակաս աթոռ։ Ճշտության խաթեր հրաժարվենք նաև վեց ու կես միլիոնից։ Մնացած քսան միլիոնը նվազագույն թիվը կլինի։
 +
 +
Կաղնուց, ընկույզից, թխկենուց, հացենուց, կարմիր փայտից և կարելական կեչուց շինված այդ աթոռների օվկիանոսի մեջ, եղևնյա և սոճենու աթոռների մեջ մեր վեպի հերոսները գտնելու են ընկույզե հաբսյան մի աթոռ՝ ճկած ոտքերով, որն անգլիական չթով պատած իր փորի մեջ թաքցնում է մադամ Պետուխովայի գանձերը։
 +
 +
Կոնցեսիոներները պառկել էին վերևի թարեքին և դեռ քնած էին, երբ գնացքը զգուշորեն անցավ Օկան և, ընթացքն արագացնելով, սկսեց մոտենալ Մոսկվային։
 +
 +
 +
==Վանական Բերտոլդ Շվարցի անվան հանրակացարանը==
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը և Օստապը, իրար նեղելով, կանգնել էին մի կոշտ վագոնի բաց պատուհանի առջև և ուշադիր նայում էին հողաթմբից դանդաղորեն վայր իջնող կովերին, փշատերև անտառին, ամառանոցային տախտակյա կառամատույցներին։
 +
 +
Ճանապարհային բոլոր անեկդոտներն արդեն պատմել վերջացրել էին։ Երեքշաբթի օրվա «Ստարգորոդյան պրավդան» կարդացվել էր մինչև հայտարարությունները և ծածկվել յուղի բծերով։ Բոլոր ճտերը, ձվերը և ձիթապտուղները կերվել էին։
 +
 +
Մնացել էր ամենատանջալից ուղեմասը՝ Մոսկվա հասնելու վերջին ժամը։
 +
 +
Ցանցառ անտառներից և պուրակներից թմբի վրա էին ցատկում զվարթ ամառանոցներ։ Նրանց մեջ կային փայտյա պալատներ, որոնք փայլում էին վերանդաների ապակիներով և նոր ներկած երկաթյա կտուրներով։ Կային և փայտյա հասարակ շինություններ՝ պստլիկ քառակուսի լուսամուտներով, իսկական ծուղակներ հովեկների համար։
 +
 +
Այն պահին, երբ ուղևորները գիտակների տեսք ընդունած դիտում էին հորիզոնը և, խեղաթյուրելով մտքում պահպանված Կալկայի ճակատամարտի հիշողությունները, միմյանց պատմում էին Մոսկվայի անցյալի և ներկայի մասին, Իպոլիտ Մատվեևիչը համառորեն ջանում էր պատկերացնել իրեն կահույքի թանգարանը։ Թանգարանը պատկերանում էր նրա բազմավերստ միջանցքի ձևով, որի պատերի երկարությամբ ցանկաշարով կանգնել էին աթոռները։ Վորոբյանինովը ինքն իրեն տեսնում էր նրանց արանքով արագորեն քայլելիս։
 +
 +
― Թե ինչպես կլինի թանգարանի բանը, հայտնի չէ։ Գլուխ կգա՞, ― անհանգիստ հարցնում էր նա։
 +
 +
― Ժամանակն է, պարագլուխ, որ դուք բուժվեք էլեկտրականությամբ։ Ժամանակից շուտ հիստերիկաներ մի սարքեք։ Եթե չեք կարող ապրումներ չունենալ, ապա ունեցեք լուռումունջ։
 +
 +
Գնացքը ցատկոտում էր սլաքների վրայով։ Նրան տեսնելուն պես, սեմաֆորները բացում էին բերանները։ Գծերը շատանում էին։ Զգացվում էր երկաթուղային մեծ հանգույցի մոտիկությունը։ Կանաչը չքացավ, նրան փոխարինեց մետաղախարամը։ Սուլում էին մանևրող շոգեքարշերը։ Սլաքավարները շեփորում էին։ Դղրդոցը հանկարծակի ուժեղացավ։ Գնացքը գլորվելով մտավ դատարկ գնացքակազմերի միջանցը և, տուրնիկետի պես չխկացնելով, սկսեց հաշվել վագոնները։
 +
 +
Ուղիները երկատվում էին։
 +
 +
Գնացքը դուրս պրծավ միջանցքից։ Արևը խփեց։ Ցածում, հենց գետնի վրայով փախչում էին կացինների նմանվող սլաքավարի լապտերները։ Թանձր ծուխ էր բարձրանում։ Շոգեքարշը, փնչացնելով, բաց թողեց ձյունասպիտակ քուլաներ։ Շուռ տալու շրջագծի վրա աղմուկ էր տիրում։ Դեպոյականները շոգեքարշը քշում էին փարախ։
 +
 +
Ուժեղ արգելակումից ճարճատեցին գնացքի հոդերը։ Ամեն ինչ վնգվնգում էր, և Իպոլիտ Մատվեևիչին թվաց, թե ինքն ընկել է ատամնացավի թագավորությունը։ Գնացքը մոտեցավ ասֆալտե կառամատույցին։
 +
 +
Դա Մոսկվան էր։ Դա Ռյազանի կայարանն էր՝ մոսկովյան կայարաններից ամենաթարմ, ամենանոր կայարանը։
 +
 +
Մոսկվայի մնացած ութ կայարաններից ոչ մեկում չկան այնպիսի ընդարձակ և բարձր շենքեր, ինչպես Ռյազանի կայարանում է։ Յարոսլավլյան ողջ կայարանը, իր կեղծ ռուսական կատարներով և հերալդիկ հավիկներով, հեշտությամբ կարող էր տեղավորել Ռյազանի կայարանի մեծ բուֆետ֊ռեստորանում։
 +
 +
Մոսկվայի կայարանները քաղաքի դարպասներն են։ Նրանք ամեն օր ընդունում և բաց են թողնում շուրջ երեսուն հազար ուղևորներ։ Ալեքսանդրյան կայարանի միջով Մոսկվա է մտնում օտարերկրացին՝ կաուչուկե ներբաններով, գոլֆի կոստյումով (շալվար և բրդե հաստ գուլպաներ դրսից)։ Կուրսկի կայարանից Մոսկվա է ընկնում օդափոխիչ ծակեր ունեցող ոչխարե մորթու սրճագույն փափախով կովկասցին և կանեփաթելի վերնաշապիկով հաղթանդամ վոլգարը։ Հոկտեմբերյանից դուրս է պրծնում կիսապատասխանատու աշխատակիցը՝ խոզի կաշվե հիանալի պորտֆելով։ Նա եկել է Լենինգրադից համաձայնեցնելու, շաղկապելու և կոնկրետ ընդգրկելու գործերով։ Կիևի և Օդեսայի ներկայացուցիչները մայրաքաղաք են թափանցում Բրյանսկ կայարանի միջով։ Դեռ Տիխոնովա պուստին կայարանից կիևցիներն սկսում են արհամարհանքով ժպտալ։ Նրանց քաջ հայտնի է, որ Կրեշչատիկը ամենալավ փողոցն է երկրի երեսին։ Օդեսացիներն իրենց հետ քարշ են տալիս զամբյուղներ և ապխտած սկումբրիաներով լի տափակ տուփեր։ Նրանց նույնպես հայտնի է երկրագնդի ամենալավ փողոցը։ Բայց դա, իհարկե, Կրեշչատիկը չէ, այլ Լասսալի, նախկին Դերիբասյան փողոցն է։ Սարատովից, Ակտարսկից, Տամբովից, Ռտիշչևից և Կոզլովից Մոսկվա են ժամանում Պավելեցկու կայարանից։ Ամենաչնչին քանակությամբ մարդիկ Մոսկվա են գալիս Սավելովյան կայարանից։ Դրանք Տալդոմից եկող մաշակարերն են, Դմիտրով քաղաքի բնակիչներ, Յախրոմի մանուֆակտուրայի բանվորներ կամ տխուր մի հովեկ, որ ամառ֊ձմեռ ապրում է Խլեբնիկովո կայարանում։ Այստեղ Մոսկվա գալը երկար չի տևում։ Այդ գծի ամենաերկար տարածությունը հարյուր հիսուն վերստ է։ Յարոսլավյան կայարանից մայրաքաղաք են ընկնում մարդիկ, որոնք գալիս են Վլադիվոստոկից, Խաբարովսկից, Չիտայից, հեռավոր ու խոշոր քաղաքներից։
 +
 +
Բայց և այնպես ամենատարօրինակ ուղևորները Ռյազանի կայարանումն են լինում։ Դրանք սպիտակ մարմաշե չալմաներով և ծաղկավոր խալաթներով ուզբեկներ են, կարմրամորուս տաջիկներ, թուրքմեններ, խիվացիներ ու բուխարացիներ, որոնց ռեսպուբլիկաների վրա հավետ շողշողում է արևը։
 +
 +
Կոնցեսիոներները դժվարությամբ մոտեցան ելքին և հայտնվեցին Կալանչևյան հրապարակում։ Նրանցից աջ բարձրանում էին Յարոսլավլյան կայարանի հերալդիկ հավիկները։ Ուղիղ նրանց դիմաց աղոտ փայլում էր երկու գույնի յուղաներկով ներկած Հոկտեմբերյան կայարանը։ Նրա վրայի ժամացույցը ցույց էր տալիս տասն անց հինգ րոպե։ Յարոսլավլյան կայարանի ժամացույցով՝ ուղիղ տասն էր։ Իսկ եթե ուղևորը նայելու լիներ Ռյազանի կայարանի ժամացույցի Կենդանակերպի նշաններով զարդարված թվացույցին, ապա կնկատեր, որ սլաքները ցույց են տալիս տասից պակաս հինգ րոպե։
 +
 +
Շատ հարմար է ժամադրության համար, ― ասաց Օստապը։ ― Միշտ տասը րոպեի ֆորա կա։
 +
 +
Կառապանը շրթունքներով համբույրի ձայն արձակեց։ Անցան կամրջի տակով, և ճամփորդների առջև բացվեց մայրաքաղաքի հոյակապ համայնապատկերը։
 +
 +
― Սակայն, ո՞ւր ենք գնում, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Լավ մարդկանց մոտ, ― պատասխանեց Օստապը, ― Մոսկվայում շատ են դրանք։ Ու բոլորն էլ իմ ծանոթներն են։
 +
 +
― Եվ մենք նրանց մո՞տ ենք իջևանելու։
 +
 +
― Դա հանրակացարան է։ Մեկի մոտ չեղավ, մյուսի մոտ միշտ տեղ կճարվի։
 +
 +
Օխոտնի ռյադում մեծ իրարանցում էր։ Տեփուրները գլխներին դրած, սագերի պես ցաքուցրիվ փախչում էին անպատենտ մանրավաճառները։ Նրանց ետևից ծուլորեն սնգսնգոցով վազում էր միլիցիոները։ Անապաստանները նստել էին ասֆալտի չանի կողքին և հաճույքով շնչում էին եռացող խեժի հոտը։
 +
 +
Դուրս ելան Արբատի հրապարակը, անցան Պրեչիստենսկու բուլվարով և, աջ թեքվելով, կանգ առան Սիվցև֊Վրաժկայում։
 +
 +
― Ի՞նչ տուն է սա, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Օստապը նայեց կիսվերնահարկով վարդագույն տնակին և պատասխանեց․
 +
 +
― Քիմիկոս ուսանողների հանրակացարան՝ վանական Բերտոլդ Շվարցի անվան։
 +
 +
― Մի՞թե վանականի։
 +
 +
― Չէ, կատակ եմ անում, Սեմաշկոյի անվան։
 +
 +
Ինչպես վայել է Մոսկվայի ուսանողական շարքային հանրակացարանին, քիմիկոս ուսանողների տունը վաղուց արդեն բնակեցված էր մարդկանցով, որոնք շատ հեռավոր առնչություն ունեին քիմիայի հետ։ Ուսանողները դես ու դեն էին ցրվել։ Նրանց մի մասը ավարտել էր դասընթացը և մեկնել նշանակված վայրը, մյուս մասը հեռացվել էր ակադեմիական անհաջողության համար։ Հենց այդ մասը, տարեցտարի աճելով, վարդագույն տնակում գոյացրել էր միջին մի բան՝ բնակընկերության և ֆեոդալական ավանի միջև։ Ուսանողության նորանոր շարքերը հանրակացարան ներխուժելու ապարդյուն փորձեր էին անում։ Էքս֊քիմիկոսները անասելի հնարամիտներ էին և ետ էին մղում բոլոր գրոհները։ Տնակից ձեռք քաշեցին։ Նա դարձավ վայրի և անհետացավ Մոսկվայի անշարժ գույքի վարչության բոլոր պլաններից։ Ասես իսկի չէր էլ եղել։ Մինչդեռ նա կար, և այնտեղ ապրում էին մարդիկ։
 +
 +
Կոնցեսիոներները սանդուղքով բարձրացան երկրորդ հարկ և թեքվեցին բոլորովին մութ միջանցքը։
 +
 +
― Լույս և օդ, ― ասաց Օստապը։
 +
 +
Հանկարծ, մթության մեջ, Իպոլիտ Մատվեևիչի հենց արմունկի տակ, մեկը սկսեց ֆսֆսացնել։
 +
 +
― Մի վախեցեք, ― ասաց Օստապը, ― սա միջանցքում չէ։ Սա պատի ետևումն է։ Ֆաներան, ինչպես հայտնի է ֆիզիկայից, ձայնի լավ հաղորդիչ է։ Զգո՛ւյշ։ Բռնեք ինձանից։ Այս մոտերքը ինչ֊որ տեղ անկիզելի պահարան է լինելու։
 +
 +
Ճիչը, որն անմիջապես արձակեց Վորոբյանինովը՝ կրծքով երկաթյա սուր մի անկյան դիպչելով, ցույց տվեց, որ անկիզելի պահարանը իրոք որ մոտերքում ինչ֊որ տեղ էր։
 +
 +
― Ինչ է, ցավե՞ց, ― տեղեկացավ Օստապը։ ― Դա դեռ ոչինչ։ Դրանք ֆիզիկական տանջանքներ են։ Բայց որքա՜ն բարոյական տանջանքներ են եղել այստեղ՝ սոսկալի է հիշել։ Հրես այստեղ դրված էր մի կմախք, ուսանող Իվանոպուլոյի սեփականությունը։ Նա գնել էր Սուխարևկայում, բայց վախենում էր պահել սենյակում։ Այնպես որ այցելուները նախ դիպչում էին դրամարկղին, իսկ հետո նրանց վրա էր ընկնում կմախքը։ Հղի կանայք շատ դժգոհ էին։
 +
 +
Կոմպանյոնները պտուտակաձև սանդուղքով բարձրացան կիսավերնահարկը։ Այդ հարկի մեծ սենյակը ֆաներե միջնորմներով կտրատված էր երկարավուն կտորների, յուրաքանչյուրը երկու արշին լայնությամբ։ Սենյակները նման էին գրչամանների, այն տարբերությամբ միայն, որ բացի մատիտներից ու գրչակոթերից, այստեղ կային մարդիկ և պրիմուսներ։
 +
 +
― Տա՞նն ես Կոլյա, ― կամացուկ հարցրեց Օստապը, կանգ առնելով կենտրոնական դռան մոտ։
 +
 +
Դրան ի պատասխան բոլոր գրչամաններում իրար անցան և աղմկել սկսեցին․
 +
 +
― Տանն եմ, ― պատասխանեցին դռան ետևից։
 +
 +
― Էդ ախմախի մոտ էլի առավոտ կանուխ հյուր է եկել, ― շշնջաց կանացի մի ձայն ձախ կողմի վերջին գրչամանից։
 +
 +
― Թողեք մարդ քնի էլի, ― վրա բերեց N 2 գրչամանը։
 +
 +
Երրորդ գրչամանում ուրախ֊ուրախ ֆշշացրին․
 +
 +
― Կոլկայի մոտ են եկել միլիցիայից։ Երեկվա ապակու համար։
 +
 +
Հինգերորդ գրչամանում լուռ էին։ Այնտեղ պրիմուս էր վրնջում և համբուրվում էին։
 +
 +
Օստապը ոտքով հրեց դուռը։ Ֆաներային ողջ կառուցվածքը ցնցվեց, և կոնցեսիոներները խցկվեցին Կոլկայի ճեղքի մեջ։ Սարսափելի էր արտաքուստ անմեղ թվացող  այն տեսարանը, որ բացվեց Օստապի աչքերի առջև։ Սենյակում կահույքից միայն կարմրաշերտ մի ներքնակ կար, որ դրված էր չորս աղյուսների վրա։ Բայց դա չէր, որ անհանգստացնում էր Օստապին։ Կոլկայի կահույքը վաղուց հայտնի էր իրեն։ Չզարմացրեց նրան և ինքը՝ Կոլկան, որ ոտքերով նստել էր ներքնակի վրա։ Բայց կողքին նստած էր այնպիսի մի երկնային էակ, որ Օստապը իսկույն մռայլվեց։ Այդօրինակ աղջիկները երբեք գործնական ծանոթներ չեն լինում ― դրա համար նրանք շատ երկնագույն աչքեր ունեն և մաքուր պարանոց։ Դրանք սիրուհիներ են, կամ, ավելի վատ, կին են դրանք և սիրած կին։ Եվ իրոք, Կոլկան այդ էակին անվանում էր Լիզա, «դու»֊ով էր խոսում հետը և կոտոշներ էր ցույց տալիս նրան։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հանեց իր կաստորե շլյապան։ Օստապը Կոլյային  կանչեց միջանցք։ Նրանք այնտեղ երկար ժամանակ փսփսում էին
 +
 +
― Հիանալի առավոտ է, տիրուհի, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Կապտաչ տիրուհին ծիծաղեց և, առանց որևէ կապի Իպոլիտ Մատվեևիչի արած դիտողության հետ, խոսեց այն մասին, թե ինչ տխմարներ են ապրում հարևան գրչամանում։
 +
 +
― Նրանք դիտմամբ պրիմուս են վառում, որպեսզի չլսվի, թե ինչպես են համբուրվում։ Բայց հասկացեք, ախր հիմարություն է դա։ Մենք ամեն բան լսում ենք։ Այ, իրենք իսկապես որ ոչինչ չեն լսում իրենց պրիմուսի պատճառով։ Կամենում եք, հիմա ցույց տամ ձեզ։ Լսեցե՛ք։
 +
 +
Եվ Կոլյայի կինը, որ հասկացել էր պրիմուսի բոլոր գաղտնիքները, բարձրաձայն ասաց․
 +
 +
― Զվերևները հիմարներ են։
 +
 +
Պատի ետևում լսվում էր պրիմուսի դժոխային երգը և համբույրի ձայներ։
 +
 +
― Տեսնո՞ւմ եք։ Նրանք ոչինչ չեն լսում։ Զվերևները հիմարներ են, տխմարներ և պսիխոպաթներ։ Տեսնո՞ւմ եք․․․
 +
 +
― Այո, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Իսկ մենք պրիմուս չենք պահում։ Ինչո՞ւ։ Մենք ճաշելու ենք գնում վեգետարյան ճաշարանը, թեև ես դեմ եմ վեգետարյան ճաշերին։ Բայց երբ մենք Կոլյայի հետ ամուսնացանք, նա երազում էր, թե ինչպես մենք միասին գնալու ենք վեգետարյան ճաշարանը։ Եվ ահա մենք գնում ենք։ Ես միս շատ եմ սիրում։ Իսկ այնտեղ կոտլետ են տալիս լապշայից։ Միայն թե, խնդրում եմ, դուք Կոլյային ոչինչ մի ասեք․․․
 +
 +
Այդ պահին Կոլյան և Օստապը վերադարձան։
 +
 +
― Է՛հ, ինչ արած, եթե քեզ մոտ բոլորովին իջևանելու տեղ չկա, մենք կգնանք Պանտելեյի մոտ։
 +
 +
― Ճիշտ է, տղերք, ― բղավեց Կոլյան։ ― Գնացեք Իվանոպուլոյի մոտ։ Նա մեր տղաներից է։
 +
 +
― Մեզ մոտ հյուր եկեք, ― ասաց Կոլյայի կինը, ― մենք շատ գոհ կլինենք։
 +
 +
― Էլի հյուր են կանչում, ― վրդովվում էին ծայրի գրչամանում։ ― Կարծես քիչ հյուրեր ունեն։
 +
 +
― Իսկ դուք հիմարներ եք, տխմարներ և պսիխոպաթներ, ձեր գործը չէ, ― ասաց Կոլյայի կինը ձայնը չբարձրացնելով։
 +
 +
― Դու լսում ես, Իվան Անդրեևիչ, ― հուզվեցին ծայրի գրչամանում, ― քո կնոջը վիրավորում են, իսկ դու լռում ես։
 +
 +
Մյուս գրչամաններից ևս իրենց ձայնը բարձրացրին անտեսանելի մեկնաբաններ։ Լեզվակռիվը ծավալվում էր։ Կոմպանյոնները իջան ներքև, Իվանոպուլոյի մոտ։
 +
 +
Ուսանողը տանը չէր։ Իպոլիտ Մատվեևիչը վառեց լուցկին։ Դռան վրա մի գրություն էր փակցված՝ «Կգամ 9֊ից ոչ շուտ։ Պանտելեյ»։
 +
 +
― Փույթ չէ, ― ասաց Օստապը, ― ես գիտեմ որտեղ է բանալին։
 +
 +
Ուսանող Իվանոպուլոյի սենյակը ճիշտ նույն չափի էր, ինչ Կոլյայինը, բայց անկյունային էր։ Նրա մի պատը քարից էր, որով ուսանողը շատ էր հպարտանում։ Իպոլիտ Մատվեևիչը դառնությամբ նկատեց, որ ուսանողը ներքնակ անգամ չուներ։
 +
 +
― Հիանալի կտեղավորվենք, ― ասաց Օստապը, ― Մոսկվայի համար կարգին ծավալ է։ Եթե մենք երեքովս պառկենք հատակին, դեռ մի քիչ էլ տեղ կմնա։ Իսկ Պանտելեյը շանորդի է։ Ո՞ւր է խցկել ներքնակը, հետաքրքիր է իմանալ։
 +
 +
Պատուհանը նայում էր նրբանցքին։ Այնտեղ ման էր գալիս միլիցիոները։ Դիմացի, գոթական աշտարակի ոճով կառուցած տնակում, տեղավորված էր մի փոքր տերության դեսպանատունը։ Երկաթյա վանդակացանցի ետևում թենիս էին խաղում։ Սպիտակ գնդակ էր թռչկոտում։ Լսվում էին կարճ բացականչություններ։
 +
 +
― Աո՛ւտ, ― ասաց Օստապը, ― բարձր կլասի խաղ չէ։ Սակայն եկեք հանգստանանք։
 +
 +
Կոնցեսիոներները թերթեր փռեցին հատակին։ Իպոլիտ Մատվեևիչը հանեց փչովի բարձը, որն իր հետ ման էր ածում։
 +
 +
Օստապը մեկնվեց հեռագրերի վրա և քնեց։ Իպոլիտ Մատվեևիչը վաղուց արդեն քնել էր։
 +
 +
 +
==Քաղաքացինե՛ր, հարգեցեք ներքնակները==
 +
 +
 +
― Լիզա, գնանք ճաշելու։
 +
 +
― Չեմ ուզում։ Ես երեկ արդեն ճաշել եմ։
 +
 +
― Քեզ չեմ հասկանում։
 +
 +
― Ես չեմ գնա կեղծ նապաստակ ուտելու։
 +
 +
― Ա՜յ քեզ հիմարություն։
 +
 +
― Ես չեմ կարող սնվել վեգետարյան նրբերշիկներով։
 +
 +
― Այսօր շառլոտկա կուտես։
 +
 +
― Հավես չունեմ։
 +
 +
― Կամաց խոսիր։ Ամեն ինչ լսվում է։
 +
 +
Եվ երիտասարդ ամուսիններն անցան դրամատիկ շշնջոցի։
 +
 +
Երկու րոպե անց Կոլյան ամուսնական կյանքի երեք ամսվա ընթացքում առաջին անգամ հասկացավ, որ սիրած կինը շատ ավելի քիչ է սիրում գազարի, կարտոֆիլի և սիսեռի նրբերշիկներ, քան ինքը։
 +
 +
― Ուրեմն, դու շան միսը գերադասում ես դիետիկ սնունդին, ― բղավեց Կոլյան տաքացած, հաշվի չառնելով ականջ դնող հարևաններին։
 +
 +
― Կամաց խոսի, ― բարձրաձայն բղավեց Լիզան։ ― Եվ հետո, դու վատ ես վարվում ինձ հետ։ Այո։ Ես միս եմ սիրում։ Երբեմն։ Այստեղ ի՞նչ վատ բան կա։
 +
 +
Կոլյան ապշած լռում էր։ Այս շրջադարձը անսպասելի էր նրա համար։ Միսը մեծ, անլցնելի ճեղքվածք կառաջացներ Կոլյայի բյուջեում։ Ման գալով ներքնակի երկարությամբ, որի վրա կուչ եկած նստել էր կարմրած Լիզան, երիտասարդ ամուսինը հուսահատ հաշվումներ էր կատարում։
 +
 +
«Տեխնոսիլա» գծագրական բյուրոյում կալկայի վրա պատճենահանելը Կոլյա Կալաչովին նույնիսկ ամենահաջողակ ամիսներին տալիս էր քառասուն ռուբլուց ոչ ավելի։ Կոլյան բնակվարձ չէր տալիս։ Վայրի ավանում տնային կառավարիչ չկար և բնակվարձն այստեղ վերացական հասկացողություն էր։ Տասը ռուբլին գնում էր Լիզայի կարուձև սովորելուն՝ շինարարական տեխնիկումի իրավունքներով դասընթացներում։ Երկուսի ճաշը (մեկ առաջին՝ վանական բորշ և մեկ երկրորդ՝ կեղծ նապաստակ կամ իսկական լապշա), որն հալալ կիսովի ուտում էին «Մի գողանա» վեգետարյան ճաշարանում, ամուսինների բյուջեից պոկում էր ամսական երեսուն ռուբլի։ Մնացած փողերը դեսուդեն էին գնում անհայտ ուղղությամբ։ Դա ամենից շատ հուզում էր Կոլյային։ «Ո՞ւր են գնում փողերը», ― մտորում էր նա, երկնագույն կալկայի վրա ռեյսֆեդերով երկար ու բարակ գիծ քաշելով։ Նման պայմաններում մսակերության անցնելը կործանում էր նշանակում։ Ուստի և Կոլյան տաք֊տաք խոսել սկսեց․
 +
 +
― Մտածիր միայն, խժռե՜լ սպանած կենդանիների դիակներ։ Մարդակերությո՛ւն՝ կուլտուրայի դիմակի տակ։ Բոլոր հիվանդությունները մսից են առաջանում։
 +
 +
― Իհա՜րկե, ― ամոթխած հեգնանքով ասաց Լիզան, ― օրինակ՝ անգինան։
 +
 +
― Այո, այո, և անգինան։ Բա դու ի՞նչ էիր կարծում։ Մսի մշտական գործածությունից թուլացած օրգանիզմը ի վիճակի չէ դիմադրելու վարակին։
 +
 +
― Ի՞նչ հիմարություն։
 +
 +
― Հիմարությունը դա չէ։ Հիմար է նա, որ աշխատում է իր ստամոքսը լցնել, առանց մտահոգվելու վիտամինների քանակով։
 +
 +
Կոլյան հանկարծ լռեց։ Հեզհետե ետ վանելով անալի ու անհամ լապշաների, խաշիլների, կարտոֆիլից պատրաստած անհեթեթությունների ֆոնը, Կոլյայի ներքին հայացքի առջև հառնեց մի լայնածավալ խոզի կոտլետ։ Ըստ երևույթին, այդ կոտլետը հենց նոր էր դուրս պրծել թավայից։ Նա դեռ թշշում էր, պլթպլթում և համեղ հոտ էր արձակում։ Կոտլետի ոսկորը ցցված էր մենամարտի ատրճանակի պես։
 +
 +
― Ախր հասկացիր, ― բղավեց Կոլյան, ― մի որևէ խոզի կոտլետ մի շաբաթվա կյանք է խլում մարդուց։
 +
 +
― Թող խլի՛, ― ասաց Լիզան։ ― Կեղծ նապաստալը կես տարի է խլում։ Երեկ, երբ մենք գազարի տապակած էինք ուտում, ես զգացի, որ մեռնում եմ։ Միայն չէի ուզում քեզ ասել։
 +
 +
― Ինչո՞ւ չէիր ուզում ասել։
 +
 +
― Ուժ չունեի։ Վախենում էի լաց լինել։
 +
 +
― Իսկ հիմա չե՞ս վախենում։
 +
 +
― Հիմա ինձ համար միևնույն է։
 +
 +
Լիզան հեկեկաց։
 +
 +
― Լև Տոլստոյը, ― ասաց Կոլյան դողդոջ ձայնով, ― նույնպես միս չէր ուտում։
 +
 +
― Այո, ― պատասխանեց Լիզան սկրտալով արցունքներից, ― կոմսը ծնեբեկ էր ուտում։
 +
 +
― Ծնեբեկը միս չէ։
 +
 +
― Իսկ երբ «Պատերազմ ու խաղաղությունն» էր գրում, միս էր ուտում։ Ուտում էր, ուտում էր, ուտում։ Եվ երբ «Աննա Կարենինա» էր գրում՝ խժռում էր, խժռում, խժռում։
 +
 +
― Ձա՛յնդ։
 +
 +
«Կարենինա» էր գրում՝ խժռում էր, խժռում, խժռում։
 +
 +
― Իսկ երբ «Կրեյցերյան սոնատն» էր գրում, այն ժամանակ է՞լ էր խժռում, ― թունոտ հարցրեց Կոլյան։
 +
 +
― «Կրեյցերյան սոնատը» փոքր բան է։ Ապա թող փորձեր «Պատերազմ և խաղաղությունը» գրել վեգետարյան նրբերշիկ ուտելով։
 +
 +
― Ի՞նչ ես, վերջապես, կպել ինձ քո Տոլստոյով։
 +
 +
― Ե՞ս եմ կպել քեզ Տոլստոյով։ Ե՞ս։ Ե՞ս եմ կպել ձեզ Տոլստոյով։
 +
 +
Կոլյան նույնպես անցավ «դուք»֊ի։ Գրչամաններում բարձրաձայն ցնծում էին։ Լիզան հապշտապ ծոծրակից ճակատին էր քաշում գործած երկնագույն գլխարկը։
 +
 +
― Ո՞ւր ես գնում։
 +
 +
― Հանգիստ թող ինձ։ Գործով եմ գնում։
 +
 +
― Եվ Լիզան դուրս փախավ։
 +
 +
― «Ո՞ւր կարող էր գնալ, ― մտածեց Կոլյան։ Նա ականջ դրեց։
 +
 +
― Շա՜տ ազատություն են տվել ձեր քրոջը Սովետական իշխանության օրոք, ― ասացին ծայրի ձախ գրչամանում։
 +
 +
― Կխեղդվի, ― որոշեցին երրորդ գրչամանում։
 +
 +
Հինգերորդ գրչամանը վառեց պրիմուսը և զբաղվեց առօրյա համբույրներով։
 +
 +
Լիզան հուզված վազում էր փողոցներով։
 +
 +
Կիրակնօրյա այն ժամն էր, երբ երջանիկները շուկայից ներքնակներ են տանում Արբատով։
 +
 +
Նորապսակներն ու սովետական միջակներն են զսպանակավոր ներքնակների գլխավոր գնորդները։ Նրանք տանում են այդ ներքնակները դիք բռնած և երկու ձեռքով գրկած։ Հապա ո՜նց չգրկեն այդ երկնագույն ծաղկավոր ներքնակները, իրենց երջանկության հիմքը։
 +
 +
Քաղաքացինե՛ր։ Հարգեցեք, երկնագույն ծաղիկներով զսպանակավոր ներքնակները։ Դա ընտանեկան օջախ է, կահավորման սկիզբն ու վերջը, ընտանեկան ույուտի ընդհանուրն ու ամբողջականը, սիրո բազան, պրիմուսի հայրը։ Ի՜նչ քաղցր է քնել նրա զսպանակների դեմոկրատական ճռճռոցի տակ։ Ի՞նչ հրաշալի երազներ է տեսնում նրա երկնագույն կտավի վրա քնող մարդը։ Ի՜նչ հարգանք է վայելում ամեն մի ներքնակատեր։
 +
 +
Ներքնակազուրկ մարդը ողորմելի է։ Նա գոյություն չունի։ Նա հարկեր չի վճարում, կին չունի, ծանոթները նրան փոխարինաբար փող չեն տալիս՝ «մինչև չորեքշաբթի», տաքսիների շոֆերները նրա ետևից վիրավորական խոսքեր են շպրտում, աղջիկները ծիծաղում են նրա վրա․ նրանք չեն սիրում իդեալիստների։
 +
 +
Ներքնակազուրկ մարդը մեծ մասամբ բանաստեղծություններ է գրում․
 +
 +
<poem>
 +
Ժամացույցի զարկերի տակ հաճելի է ճոճաթոռում։
 +
Ձյունն է դանդաղ տեղում բակում, և երազում հավք է թռչում։
 +
</poem>
 +
 +
Ստեղծագործում է նա հեռագրատան բարձր գրասեղանի առջև, ուշացնելով գործարար ներքնակատերերին, որոնք եկել են հեռագրեր ուղարկելու։
 +
 +
Ներքնակը բեկում է մարդկային կյանքը։ Նրա պաստառի ու զսպանակների մեջ ձգողական ու մինչև օրս չուսումնասիրված մի ուժ կա թաքնված։ Նրա զսպանակների հրավիրակոչը լսելուն պես գալիս խռնվում են մարդիկ և իրեր։ Գալիս են ֆինագենտը և աղջիկներ։ Նրանք ուզում են բարեկամանալ ներքնակատերերի հետ։ Ֆինագենտն այդ անում է գանձարանային նպատակներով, որոնք պետական օգուտներ են հետապնդում, իսկ աղջիկները՝ անշահախնդիր, բնության օրենքներին ենթարկվելով։
 +
 +
Սկսվում է երիտասարդության ծաղկումը։ Հարկերը հավաքած ֆինագենտը մեղվի պես վերցնում է իր բերքը և ուրախ բզզոցով թռչում է իր քաղաքամասի փեթակը։ Իսկ նահանջած աղջիկներին փոխարինում են կինը և «Յուվել N 1» պրիմուսը։
 +
 +
Ներքնակն անկուշտ է։ Նա զոհաբերություն է պահանջում։ Գիշերները նա վայր ընկնող գնդակի ձայն է հանում։ Նրան գրադարակ է պետք։ Նրան հաստ ոտքերով սեղան է պետք։ Զսպանակները ճռճռացնելով, նա պահանջում է վարագույրներ և խոհանոցային ամանեղեն։ Նա հրամայում է մարդուն և ասում․
 +
 +
― Գնա՛։ Գնիր գլանատախտակ և գրտնակ։
 +
 +
― Մա՛րդ, ես ամաչում եմ քո փոխարեն, մինչև օրս դու գորգ չունես։
 +
 +
― Աշխատի՛ր։ Շուտով ես քեզ երեխաներ կբերեմ։ Քեզ փող է հարկավոր բարուր և սայլակ գնելու համար։
 +
 +
Ներքնակն ամեն բան հիշում է և ամեն բան անում յուրովի։
 +
 +
Պոետն անգամ չի կարող խուսափել ընդհանուրի ճակատագրից։ Ահա նա շուկայից ներքնակ է տանում, սարսափած սեղմվելով նրա փափուկ փորին։
 +
 +
― Ես կկոտրեմ քո համառությունը, պոետ, ― ասում է ներքնակը։
 +
 +
― Դու այլևս կարիք չես ունենա հեռագրատուն վազելու բանաստեղծություններ գրելու համար։ Եվ ընդհանրապես արժե՞ արդյոք գրել։ Ծառայի՛ր։ Եվ սալդոն միշտ կլինի քո օգտին։ Մտածիր կնոջդ ու երեխաների մասին։
 +
 +
― Ես կին չունեմ, ― բղավում է պոետը, հեռու քաշվելով զսպանակավոր ուսուցչից։
 +
 +
― Նա կլինի։ Եվ ես չեմ երաշխավորում, որ նա ամենագեղեցիկ աղջիկն է լինելու աշխարհում։ Չգիտեմ նույնիսկ, բարի՞ կլինի արդյոք նա։ Ամեն բանի պատրաստ եղիր։ Դու երեխաներ կունենաս։
 +
 +
― Ես երեխաներ չեմ սիրում։
 +
 +
― Դու կսիրե՛ս նրանց։
 +
 +
― Դուք ինձ վախեցնում եք, քաղաքացի ներքնակ։
 +
 +
― Լռի՛ր, հիմար։ Դու դեռ բոլորը չգիտես։ Դու դեռ վարկով կահույք կվերցնես Մոսդրևոյից։
 +
 +
― Ես քեզ կսպանե՛մ, ներքնակ։
 +
 +
― Լակո՛տ։ Եթե դու համարձակվես այդ անել, հարևանները կհայտնեն տնային կառավարչությանը։
 +
 +
Այսպես ամեն մի կիրակի, ներքնակների ուրախ հնչյունների տակ, Մոսկվայում շրջում են երջանիկները։
 +
 +
Բայց, իհարկե, միայն դրանով չէ նշանավոր մոսկովյան կիրակին։ Կիրակին թանգարանային օր է։
 +
 +
Մոսկվայում հատուկ կատեգորիայի մարդիկ կան։ Նրանք ոչինչ չեն հասկանում գեղանկարչությունից, չեն հետաքրքրվում ճարտարապետությամբ և չեն սիրում հին հուշարձաններ։ Մարդկանց այդ կատեգորիան թանգարան է հաճախում բացառապես նրա համար, որովհետև դրանք տեղավորված են հիանալի շենքերում, նախանձով դիտում նախշած առաստաղները, ձեռքերով շոշափում այն, ինչ արգելված է, և անընդհատ փնթփնթում են։
 +
 +
― Է՛հ։ Մարդիկ ապրել են հա՜։
 +
 +
Նրանց համար կարևոր չէ, որ պատերը նկարազարդել է ֆրանսիացի Պյուվի դե Շավանը։ Կարևոր է իմանալ, թե որքան է նստել դա առանձնատան նախկին տիրոջ վրա։ Նրանք բարձրանում են հարթակներում մարմարե քանդակներ ունեցող սանդուղքով և պատկերացնում իրենց՝ թե քանի լաքեյ է կանգնել այստեղ, որքան ռոճիկ և թեյափող է ստացել յուրաքանչյուր լաքեյը։ Բուխարիկի վրա ճենապակի է դրված, բայց նրանք, դրա վրա ուշադրություն չդարձնելով, որոշում են, թե բուխարիկ ասածդ ձեռնտու բան չէ՝ անչափ շատ փայտ է գնում։ Կաղնե պանելով պատած ճաշասենյակում նրանք չեն նայում հիանալի փորագրություններին։ Մի միտք է տանջում նրանց․ ի՞նչ է կերել այստեղ նախկին տեր֊վաճառականը և ինչ կարժենար այն՝ հիմիկվա թանկության պայմաններում։
 +
 +
Ուզածդ թանգարանում կարելի է հանդիպել նման մարդկանց։ Այն պահին, երբ էքսկուրսիաները առույգ քայլում են մի գլուխգործոցից մյուսը, այդօրինակ մարդը կանգնում է դահլիճի մեջտեղում և, ոչ մի բանի չնայելով, կարոտով բառաչում է․
 +
 +
― Է՜հ։ Մարդիկ ապրել են հա՜։
 +
 +
Լիզան վազում եր փողոցով, արցունքները կուլ տալով։ Մտքերը քշում էին նրան։ Նա մտածում էր իր երջանիկ և խեղճ կյանքի մասին։
 +
 +
«Այ, եթե մի սեղան և երկու աթոռ ևս լիներ, բոլորովին լավ կլիներ։ Վերջիվերջո մի պրիմուս էլ պետք է ճարել։ Մի կերպ սարքավորել է պետք»։
 +
 +
Նա սկսեց դանդաղ գնալ, որովհետև հանկարծ մտաբերեց Կոլյայի հետ ունեցած վեճը։ Բացի այդ, նա շատ ուտել էր ուզում։ Նրա մեջ հանկարծակի ատելություն բորբոքվեց ամուսնու հանդեպ։
 +
 +
― Սա պարզապես խայտառակություն է, ― ասաց նա բարձրաձայն։
 +
 +
Գնալով քաղցը սաստկանում էր։
 +
 +
― Դե լավ, լավ։ Ինքս էլ գիտեմ, թե ինչ եմ անելու։
 +
 +
Եվ Լիզան, կարմրելով, մանրավաճառուհուց գնեց մի երշիկով բուտերբրոդ։ Որքան էլ սոված լիներ, այնուամենայնիվ, փողոցում ուտելը անհարմար էր։ Ինչքան չլինի, ինքն այնուամենայնիվ ներքնակատեր էր և լավ հասկանում էր կյանքի նրբությունները։ Նա նայեց շուրջը և մտավ երկհարկանի առանձնատան շքամուտքը։ Այնտեղ մեծ հաճույքով սկսեց ուտել բուտերբրոդը։ Երշիկը գայթակղեցուցիչ էր։ Մի մեծ էքսկուրսիա մտավ շքամուտքը։ Անցնելով պատի տակ կանգնած Լիզայի կողքով, էքսկուրսանտները նայում էին նրան։
 +
 +
«Թող տեսնեն», ― որոշեց չարացած Լիզան։
 +
 +
 +
==Կահույքի թանգարանը==
 +
 +
 +
Լիզան թաշկինակով սրբեց բերանը և փշրանքները թափ տվեց կոֆտայից։ Տրամադրությունը բացվեց։ Նա կանգնել էր ցուցանակի առջև։
 +
 +
:::::Կահույքի վարպետության թանգարան
 +
 +
Անհարմար էր տուն վերադառնալ։ Գնալու տեղ չուներ։ Գրպանում տասնհինգ կոպեկ կար։ Եվ Լիզան որոշեց ինքնուրույն կյանք սկսել՝ թանգարան այցելելով։ Կանխիկ գումարն ստուգելով, նա մտավ նախասրահ։
 +
 +
Այնտեղ նա մեկեն դեմ առավ հնացած մորուք ունեցող մի մարդու, որը ծանր հայացքը մալախիտե սյունաշարին մեխած, բեղերի արանքից ասում էր․
 +
 +
― Հարո՜ւստ են ապրել մարդիկ։
 +
 +
Լիզան հարգանքով նայեց սյունին և բարձրացավ վերև։
 +
 +
Քառակուսի փոքր սենյակներում, այնպես ցածր առաստաղներով, որ այնտեղ մտնող ամեն ոք հսկա էր թվում, Լիզան թափառեց մի տասը րոպե։
 +
 +
Դրանք սենյակներ էին, կահավորված պավլովյան ամպիրով, կարմիր փայտով և կարելյան կեչիով՝ հրաշալի և մարտաշունչ կահույքով։ Գրասեղանի առաջ դրված էին երկու քառակուսի պահարաններ, որոնց ապակյա դռները խաչաձև հատված էին նիզակներով։ Սեղանն անեզր ու անչափ էր։ Նստել նրա մոտ, միևնույն էր թե նստել Թատրոնական հրապարակի մոտ, ընդ որում Մեծ թատրոնը իր սյունաշարով և բրոնզե ձիերի քառյակով, որոնք Ապոլոնին քարշ էին տալիս «Կարմիր կակաչի» պրեմիերային, այդ սեղանի վրա կերևար որպես թանաքաման։ Գոնե այդպես էր թվում Լիզային, որը մի խղճուկ ճագարի պես սնվել ու դաստիարակվել էր գազարով։ Սենյակներում դրված էին բարձր մեջքերով բազկաթոռներ, որոնց վերնամասերը ոչխարի կոտոշների պես ոլորված էին։ Արևն ընկել էր բազկաթոռների դեղձագույն պաստառների վրա։
 +
 +
Մարդն ուզում էր անմիջապես նստել նման բազկաթոռի վրա, բայց նստելն արգելված էր։
 +
 +
Լիզան մտովին համեմատեց, թե ինչպես կերևար պավլովյան ամպիրի անգին բազկաթոռը իր կարմրաշերտ ներքնակի կողքին։ Դուրս էր գալիս, որ ոչինչ՝ վատ չէր երևա։ Նա պատին կարդաց մի աղյուսակ՝ պավլովյան ամպիրի գիտական և գաղափարական հիմնավորումով և, վշտանալով, որ ինքն ու Կոլյան մի սենյակ չունեն այս պալատում, դուրս ելավ անսպասելի մի միջանցք։
 +
 +
Ձախ ձեռքի վրա հենց հատակից ցածլիկ կիսաշրջանաձև պատուհաններ էին սկսվում։ Նրանց միջով, ոտքերի տակ, Լիզան տեսավ հսկա երկլուսավոր սյունազարդ դահլիճ։ Այդ դահլիճում ևս կահ֊կարասիներ էին դրված և այցելուներ էին թրև գալիս։ Լիզան կանգ առավ։ Դեռ երբեք նա իր ոտքերի տակ դահլիճ չէր տեսել։
 +
 +
Զարմանալով և նվաղելով, նա դեռ երկար նայում էր ներքև։ Հանկարծ նկատեց, որ բազկաթոռներից թեքերես գրասեղանի մոտ են անցնում իր այսօրվա ծանոթները՝ Բենդերն ու իր ուղեկիցը, սափրած գլխով պատկառելի ծերուկը։
 +
 +
― Ա՜յ լավ է, ― ասաց Լիզան։ ― Այնքան էլ տաղտկալի չի լինի։
 +
 +
Նա շատ ուրախացավ, վազեց ներքև և իսկույն մոլորվեց։ Նա ընկավ կարմիր հյուրասենյակը, որտեղ մի քառասուն առարկա էր դրված։ Դա ընկուզենու կահույք էր՝ ճկած ոտքերով։ Հյուրասենյակից ելք չկար։ Ստիպված էր ետ վազել վերևից լույս ունեցող կլոր սենյակի միջով, որը թվում էր, թե կահավորված է միայն ծաղկավոր բարձերով։
 +
 +
Նա վազում էր իտալական Վերածնունդի դիպակավոր բազկաթոռների կողքով, հոլանդական պահարանների, սև ոլորուն սյունակների վրա ամպհովանի ունեցող գոթական մեծ մահճակալի կողքով։ Մարդն այդ մահճակալի վրա ընկույզի չափ կերևար։
 +
 +
Վերջապես Լիզան լսեց էքսկուրսանտների խուլ աղմուկը․ նրանք անուշադիր լսում էին էքսկուրսավարին, որը մերկացնում էր Եկատերինա II֊ի իմպերիալիստական մտադրությունները՝ կապված Լուի֊Սեզ ոճի կահույքի հանդեպ հանգուցյալ կայսրուհու տածած սիրո հետ։
 +
 +
Դա հենց երկլուսավոր մեծ սյունազարդ դահլիճն էր։ Լիզան անցավ նրա հակադիր ծայրը, ուր նրա ծանոթ ընկեր Բենդերը տաք֊տաք զրուցում էր իր սափրագլուխ ուղեկցի հետ։
 +
 +
Մոտենալով Լիզան, լսեց հնչեղ ձայնը․
 +
 +
― Շիկ֊մոդեռն ոճի կահույք է։ Բայց սա, թվում է, այն չէ, ինչ պետք է մեզ։
 +
 +
― Այո, բայց անշուշտ այստեղ ուրիշ դահլիճներ էլ կան։ Մեզ անհրաժեշտ է սիստեմատիկորեն ամեն ինչ նայել։
 +
 +
― Բարև ձեզ, ― ասաց Լիզան։
 +
 +
Երկուսն էլ շուռ եկան և իսկույն մռայլվեցին։
 +
 +
― Բարև ձեզ, ընկեր Բենդեր։ Լավ է, որ ձեզ գտա։ Թե չէ մենակ ձանձրալի էր։ Եկեք միասին նայենք։
 +
 +
Կոնցեսիոներները իրար երես նայեցին։ Իպոլիտ Մատվեևիչը առույգ դիրք ընդունեց, թեև նրան հաճելի չէր, որ Լիզան կարող է իրենց ետ պահել ադամանդավոր կահույք որոնելու կարևոր գործից։
 +
 +
― Մենք տիպիկ գավառացիներ ենք, ― ասաց Բենդերը անհամբեր, ― իսկ դուք, մոսկվիչկա, ինչպե՞ս ընկաք այստեղ։
 +
 +
― Բոլորովին պատահականորեն։ Ես կռվեցի Կոլյայի հետ։
 +
 +
― Ահա՜ թե ինչ, ― նկատեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Է՛, թողնենք այս դահլիճը, ― ասաց Օստապը։
 +
 +
― Իսկ ես դեռ չեմ նայել։ Շատ սիրունիկ դահլիճ է։
 +
 +
― Սկսվո՜ւմ է, ― շշնջաց Օստապը Իպոլիտ Մատվեևիչի ականջին։ Եվ դիմելով Լիզային, ավելացրեց․ ― այստեղ նայելու բան չկա։ Անկումային ոճ։ Կերենսկու էպոխան։
 +
 +
― Այստեղ, ինչ֊որ տեղ, ինձ ասել են, կա վարպետ Հաբսի կահույքը, ― հաղորդեց Իպոլիտ Մատվեևիչը, ― թերևս այնտեղ գնանք։
 +
 +
Լիզան համաձայնեց և, թևանցուկ անելով Վորոբյանինովին (նա նրան գիտության զարմանալիորեն հաճելի ներկայացուցչի տեղ էր դնում), դիմեցին դեպի ելքը։ Չնայած գործի ողջ լրջությանը և գանձերի որոնումներում վրա հասած վճռական մոմենտին, Բենդերը աշխույժ ծիծաղում էր, քայլելով զույգի ետևից։ Նրան ծիծաղեցնում էր կավալերի դերում գտնվող կոմանչների պարագլուխը։
 +
 +
Լիզան խիստ նեղում էր կոնցեսիոներներին։ Մինչդեռ նրանք մի հայացքով որոշում էին, թե սենյակում իրենց ուզած կահույքը չկա և ակամայից մղվում էին դեպի մյուս սենյակը, Լիզան երկար ժամանակ կանգնում մնում էր յուրաքանչյուր բաժնում։ Նա բարձրաձայն կարդում էր կահույքի մասին տպագրված քննախոսությունները, սուր դիտողություններ էր բաց թողնում այցելուների հասցեին և երկար կանգ էր առնում յուրաքանչյուր ցուցանմուշի առջև։ Ակամայից և իր համար միանգամայն աննկատելի նա տեսած կահույքը հարմարեցնում էր իր սենյակին և իր պահանջներին։ Գոթական անկողինը բոլորովին դուր չեկավ նրան։ Չափից դուրս մեծ էր։ Եթե Կոլյային հրաշքով անգամ հաջողվեր երեք քառակուսի սաժենի բնակարան ստանալ, ապա այդ դեպքում էլ միջնադարյան այդ առագաստը չէր տեղավորվի սենյակում։ Սակայն Լիզան երկար ժամանակ ման էր գալիս մահճակալի շուրջը, ոտքերով չափում իսկական տարածությունը։ Լիզան շատ ուրախ էր։ Նա չէր նկատում իր ուղեկիցների թթու դեմքերը, որոնց ասպետական բնավորությունը թույլ չէր տալիս գլխապատառ նետվելու վարպետ Հաբսի սենյկաը։
 +
 +
― Համբերենք, ― շշնջաց Օստապը, ― կահույքը չի փախչի, իսկ դուք, պարագլուխ, աղջկան մի սեղմեք։ Ես խանդում եմ։
 +
 +
Վորոբյանինովը ինքնագոհ ժպտաց։
 +
 +
Դահլիճները դանդազորեն ձգվում էին։ Նրանք վերջ չունեին։ Ալեքսանդրյան էպոխայի կահույքը ներկայացված էր բազմաթիվ կոմպլեկտներով։ Նրանց համեմատաբար փոքր չափերը հիացմունք առաջացրին Լիզայի մեջ։
 +
 +
― Տեսե՛ք, տեսե՛ք, ― դյուրահավատորեն բղավում էր նա, քաշելով Վորոբյանինովի թևից։ ― Տեսնո՞ւմ եք այս գրասեղանը։ Սա հիանալի կսազեր մեր սենյակին։ Այնպես չէ՞։
 +
 +
― Հիանալի կահույք է, ― զայրացած ասաց Օստապը։ ― Միայն թե ակումբային է։
 +
 +
― Իսկ այստեղ ես արդեն եղել եմ, ― ասաց Լիզան, մտնելով կարմիր հյուրասենյակը, ― այստեղ, իմ կարծիքով, չարժե կանգ առնել։
 +
 +
Ի զարմանս նրա, կահույքի հանդեպ անտարբեր ուղեկիցները ժամապահների պես քարացան֊մնացին դռների մոտ։
 +
 +
― Ինչո՞ւ կանգնեցիք։ Գնանք։ Ես արդեն հոգնել եմ։
 +
 +
― Սպասեցե՛ք, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, նրա ձեռքից ազատվելով, ― մի րոպե։
 +
 +
Մեծ սենյակը ծանրաբեռնված էր կահույքով։ Հաբսյան աթոռները շարված էին պատի երկարությամբ և սեղանի շուրջը։ Անկյունի գահավորակը ևս շրջապատված էր աթոռներով։ Նրանց ճկած ոտքերը և հարմարավուն մեջքերը խիստ ծանոթ էին Իպոլիտ Մատվեևիչին։ Օստապը զննական հայացքով նայում էր նրան։ Իպոլիտ Մատվեևիչը կարմրեց։
 +
 +
― Դուք հոգնել եք, օրիորդ, ― ասաց նա Լիազային, ― նստեցեք այստեղ և հանգստացեք, իսկ մենք մի քիչ ման կգանք։ Սա կարծես, հետաքրքիր դահլիճ է։
 +
 +
Լիզային նստեցրին։
 +
 +
Կոնցեսիոներները մոտեցան պատուհանին։
 +
 +
― Նրա՞նք են, ― հարցրեց Օստապը։
 +
 +
― Կարծես նրանք են։ Պետք է ավելի հանգամանորեն զննել։
 +
 +
― Բոլոր աթոռներն այստե՞ղ են։
 +
 +
― Հիմա ես կհաշվեմ։ Սպասեցեք, սպասեցեք․․․
 +
 +
Վորոբայնինովն սկսեց աչքը մի աթոռից մյուսի վրա գցել։
 +
 +
― Թույլ տվեք, ― ասաց նա վերջապես, ― քսան աթոռ։ Այդ չի կարող պատահել։ Չէ՞ որ նրանք ընդամենը տասն էին։
 +
 +
― Իսկ դուք ուշադիր նայեցեք։ Գուցե սրանք այն աթոռնեըը չեն։
 +
 +
Նրանք սկսեցին քայլել աթոռների արանքով։
 +
 +
― Դե՞, ― շտապեցնում էր Օստապը։
 +
 +
― Մեջքն ասես իմինին նման չէ։
 +
 +
― Ուրեմն, նրանք չե՞ն։
 +
 +
― Նրանք չեն։
 +
 +
― Թվում է, թե զուր եմ կապվել ձեզ հետ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը բոլորովին ընկճված էր։
 +
 +
― Լավ, ― ասաց Օստապը, ― նիստը շարունակվում է։ Աթոռը այստեղ չէ։ Կգտնվի։ Տվեք օրդերներն այստեղ։ Ստիպված ենք տհաճ կոնտակտի մեջ մտնել ադմինիստրացիայի հետ։ Նստեցեք աղջկա կողքին և մնացեք։ Ես հիմա կգամ։
 +
 +
― Ինչո՞ւ եք այդպես տխուր, ― ասում էր Լիզան։ ― Հոգնե՞լ եք։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը լռություն էր պահպանում։
 +
 +
― Ձեր գլո՞ւխն է ցավում։
 +
 +
― Հա, մի քիչ։ Հոգսե՜ր, հոգսե՜ր։ Կնոջ փաղաքշանքի բացակայությունը արտահայտվում է մարդու ապրելակերպի վրա։
 +
 +
Լիզան սկզբում զարմացավ, իսկ հետո, նայելով իր սափրագլուխ զրուցակցին, իրոք խղճահարվեց։ Տանջված աչքեր ուներ Վորոբյանինովը։ Պենսնեն չէր թաքցնում աչքատակի որոշակի նշմարվող պարկերը։ Գավառական զագսի գործավարի հանգիստ կյանքից ադամանդների ետևից ընկած որսորդի և ավանտյուրիստի անհարմար հոգսաշատ կենցաղին անցնելը էժան չէր նստել նրա վրա։ Իպոլիտ Մատվեևիչը սաստիկ նիհարել էր, և նրա լյարդն սկսել էր ցավել։ Բենդերի դաժան հսկողության տակ Իպոլիտ Մատվեևիչը կորցնում էր իր դեմքը և արագ լուծվում թուրքահպատակի որդու ուժեղ ինտելեկտի մեջ։ Այժմ, երբ նա մի րոպեով մենակ մնաց սքանչելի քաղաքացուհի Կալաչովայի հետ, նրա մեջ ցանկություն առաջացավ պատմել իր վշտերի և հուզմունքների մասին, բայց նա չհամարձակվեց այդ անել։
 +
 +
― Բա՜ս, ― ասաց նա, քնքշորեն նայելով զրուցակցուհուն, ― նման բաներ։ Դո՞ւք ինչպես եք ապրում, Ելիզավետա․․․
 +
 +
― Պետրովնա։ Իսկ ձեզ ինչպե՞ս են կոչում։
 +
 +
Փոխանակվեցին անուն֊հայրանունով։
 +
 +
«Սիրո անուշ հեքիաթը», ― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով, խորը նայելով Լիզայի հասարակ դեմքին։ Ծեր պարագլուխը այնպես բուռն կերպով, այնպես անխուսափելիորեն էր կանացի փաղաքշանք տենչում, որի բացակայությունը ծանր էր անդրադառնում նրա ապրելակերպի վրա, որ նա անմիջապես Լիզայի թաթիկը վերցրեց իր խորշոմապատ ձեռքերի մեջ և սկսեց տաք֊տաք խոսել Փարիզի մասին։ Նա ուզում էր հարուստ լինել, շռայլող և անվանելի։ Նա ուզում էր հրապուրել և նվագախմբերի աղմուկի տակ կանանց նվագախմբի գեղեցկուհիներից մեկի հետ ռեդերեր խմել առաձին կաբինետում։ Ինչի՞ մասին խոսել այս աղջկա հետ, որն անշուշտ ոչինչ չգիտի ո՛չ ռեդերերի, ո՛չ կանանց նվագախմբերի մասին և որն իր բնույթով չի կարող անգամ հասկանալ այդ ժանրի ողջ գեղեցկությունը։ Իսկ ինչպե՜ս ուզում էր հրապուրիչ լինել։ Եվ Իպոլիտ Մատվեևիչը գայթակղեցնում էր Լիզային՝ Փարիզի մասին պատմություններ անելով։
 +
 +
― Դուք գիտական աշխատո՞ղ եք, ― հարցրեց Լիզան։
 +
 +
― Այո, որոշ չափով, ― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը զգալով, որ Բենդերի հետ ծանոթանալու օրվանից հետո նորից ձեռք է բերում վերջին տարիներին իրեն ոչ հատուկ անպատկառությունը։
 +
 +
― Իսկ քանի՞ տարեկան եք, ներեցեք անհամեստ հարցիս։
 +
 +
― Դա ոչ մի կապ չունի այն գիտության հետ, որը ես տվյալ մոմենտին ներկայացնում եմ։
 +
 +
Այդ արագ և դիպուկ պատասխանից Լիզան հմայվեց։
 +
 +
― Բայց և այնպես։ Երեսո՞ւն։ Քառասո՞ւն։ Հիսո՞ւն։
 +
 +
― Գրեթե երեսունութ։
 +
 +
― Ոհո՛։ Դուք շատ ավելի ջահել եք երևում։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը իրեն երջանիկ զգաց։
 +
 +
― Դուք ինձ ե՞րբ կերջանկացնեք կրկին ձեզ հետ տենսվելով, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը քթի մեջ։
 +
 +
Լիզան խիստ ամաչեց։ Նա շուռումուռ եկավ բազկաթոռի մեջ և թախծեց։
 +
 +
― Այս ո՞ւր կորավ ընկեր Բենդերը, ― ասաց նա բարակ ձայնով։
 +
 +
― Ե՞րբ ուրեմն, ― անհամբեր հարցրեց Վորոբյանինովը։ ― Ե՞րբ և որտե՞ղ ենք տեսնվելու։
 +
 +
― Դե, ես չգիտեմ։ Երբ ուզում եք։
 +
 +
― Այսօր կարելի՞ է։
 +
 +
― Այսօր։
 +
 +
― Աղաչում եմ։
 +
 +
― Դե լավ։ Թող այսօր լինի։ Անցեք մեզ մոտ։
 +
 +
― Ոչ, եկեք հանդիպենք բաց օդում։ Հիմա շատ հիանալի եղանակներ են։ Ծանո՞թ է ձեզ այս բանաստեղծությունը․ «Սա մայիսն է չարաճճի, սա մայիսն է կախարդիչ, զով քամի է հովհարում»։
 +
 +
― Դա Ժա՞րովի բանաստեղծությունն է։
 +
 +
― Հըմ․․․ Կարծեմ։ Ուրեմն այսօ՞ր։ Որտե՞ղ։
 +
 +
― Ի՞նչ տարօրինակն եք։ Որտեղ ուզում եք։ Ոզում ե՞ք անկիզելի պահարանի մոտ։ Գիտե՞ք։ երբ մթնի․․․
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հազիվ էր կարողացել համբուրել Լիզայի ձեռքը, որը նա արեց հանդիսավորությամբ, երեք  դադարով, երբ վերադարձավ Օստապը։ Նա շատ գործնական էր երևում։
 +
 +
― Ներեցեք, մադմաուզել, ― ասաց նա արագ֊արագ, ― բայց մենք բարեկամիս հետ չենք կարող ձեզ ուղեկցել։ Մի փոքր, բայց շատ կարևոր գործ է բացվել։ Մենք շտապ մի տեղ պետք է գնանք։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի շունչը կտրվեց։
 +
 +
― Ցտեսություն, Ելիզավետա Պետրովնա, ― ասաց նա շտապ, ― ներեցեք, ներեցեք, ներեցեք, բայց մենք խիստ շտապում ենք։
 +
 +
Եվ կոմպանյոնները վազեցին, զարմացած Լիզային թողնելով Հաբսի կահույքով առատորեն կահավորված սենյակում։
 +
 +
― Եթե ես չլինեի, ― ասաց Օստապը, երբ նրանք իջնում էին սանդուղքով, ― ոչինչ էլ դուրս չէր գա։ Աղոթեցեք ինձ։ Աղոթեցեք, աղոթեցեք, մի վախենաք, գլուխներդ չի պոկվի։ Լսեցե՛ք։ Ձեր կահույքը թանգարանային կարևորություն չունի։ Նրա տեղը թանգարանը չէ, այլ տուգանային գումարտակի զորանցը։ Դուք բավարարվա՞ծ եք այս իրադրությամբ։
 +
 +
― Ի՛նչ ծաղր է դա, ― բացականչեց Վորբյանինովը, որը հենց նոր էր սկսել ազատագրվել թուրքահպատակի որդու ինտելեկտի հզոր լծից։
 +
 +
― Լռությո՛ւն, ― սառը ասաց Օստապը, ― դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունենում։ Եթե մենք հիմա չգրավենք մեր կահույքը՝ վե՛րջ։ Այլևս երբեք չենք տեսնի այն։ Հենց նոր գրասենյակում ես ծանր խոսակցություն ունեցա այս պատմական աղբանոցի վարիչի հետ։
 +
 +
― Եվ ի՜նչ, ― բացականչեց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Ի՞նչ ասաց ձեր վարիչը։
 +
 +
― Ասաց, ինչ որ պետք էր։ Մի հուզվեք։ «Ասացեք, ― հարցրի ես նրան, ― ինչո՞վ բացատրել, որ Ստարգորոդից օրդերով ձեզ ուղարկված կահույքը չկա»։ Ես այդ, իհարկե, հարցրի շատ սիրալիր, ընկերական կարգով։ «Ի՞նչ կահույք, ― հարցնում է նա։ ― Իմ թանգարանում նման փաստեր չկան»։ Ես ձեռաց դեմ արի նրան օրդերները։ Նա քրքրեց գրքերը։ Կես ժամ փնտրեց և, վերջապես, վերադարձավ։ Եվ ի՞նչ եք կարծում։ Որտե՞ղ է այդ կահույքը։
 +
 +
― Կորե՞լ է, ― ծվաց Վորոբյանինովը։
 +
 +
― Պատկերացրեք՝ ոչ։ Պատկերացրեք, որ այս շիլափլավի մեջ անվնաս է մնացել։ Ինչպես ձեզ արդեն ասացի, թանգարանային կարևորություն չունի։ Տարել թափել են պահեստը և միայն երեկ, ուշադրություն դարձրեք, երեկ, յոթ տարուց հետո (յոթ տարի նա ընկած է եղել պահեստում), ուղարկվել է աճուրդով ծախվելու։ Գլավնաուկի աճուրդը։ Եվ եթե այն չեն գնել երեկ կամ այսօր առավոտ, նա մերն է։ Դուք բավարարվա՞ծ եք։
 +
 +
― Շո՛ւտ, ― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Կառապա՛ն, ― գոչեց Օստապը։
 +
 +
Նրանք կառք նստեցին առանց սակարկելու։
 +
 +
― Աղոթեցեք ինձ, աղոթեցեք։ Մի՛ վախենաք, հոֆմարշալ։ Գինին, կինն ու թղթախաղը մեզ համար ապահովված են։ Այն ժամանակ հաշիվ կտեսնենք նաև երկնագույն ժիլետի համար։
 +
 +
Կոնցեսիոներները աշխույժ ու կայտառ հովատակների պես ներս վազեցին Պետրովկայի պասաժը, ուր տեղավորված էր աճուրդային դահլիճը։
 +
 +
Աճուրդասրահի հենց առաջին սենյակում նրանք տեսան այն, ինչ երկար ժամանակ փնտրում էին։ Իպոլիտ Մատվեևիչի բոլոր տասը աթոռներն շարված էին պատի երկարությամբ։ Նրանց վրայի պաստառն անգամ չէր սևացել, չէր խունացել, չէր փչացել։ Աթոռները թարմ էին ու մաքուր, ասես հենց նոր դուրս էին եկել հոգատար Կլավդյա Իվանովնայի հսկողության տակից։
 +
 +
― Նրա՞նք են, ― հարցրեց Օստապը։
 +
 +
― Աստվա՜ծ իմ, աստված, ― կրկնում էր Իպոլիտ Մատվեևիչը, ― նրա՛նք են, նրա՛նք։ Հենց նրանք են որ կան։ Այս անգամ ոչ մի կասկած։
 +
 +
― Համենայն դեպս ստուգենք, ― ասաց Օստապը, ջանալով հանգիստ լինել։
 +
 +
Նա մոտեցավ ծախողին․
 +
 +
― Ասացեք, այս աթոռները կարծեմ կահույքի թանգարանից են։
 +
 +
― Սրա՞նք։ Սրանք՝ այո։
 +
 +
― Իսկ վաճառվո՞ւմ են։
 +
 +
― Վաճառվում ե։
 +
 +
― Գի՞նը։
 +
 +
― Գինը դեռ չկա։ Դրանք մենք աճուրդով ենք վաճառում։
 +
 +
― Ըհը։ Այսօ՞ր։
 +
 +
― Չէ։ Այսօր առևտուրն արդեն վերջացել է։ Վաղը ժամը հնգից։
 +
 +
Բայց աթոռներից այդպես իսկույն հեռանալն անհնարին էր։
 +
 +
― Թույլ տվեք, ― թոթովեց Իպոլիտ Մատվեևիչը, ― նայենք։ Կարելի՞ է։
 +
 +
Կոնցեսիոներները երկար զննում էին աթոռները, նստում նրանց վրա, քաղաքավարության համար նայում էին և ուրիշ իրերի։ Վորոբյանինովը ֆսֆսացնում էր և արմունկով շարունակ հրում Օստապին։
 +
 +
― Աղոթեցեք ինձ, ― շշնջում էր Օստապը։ ― Աղոթեցե՛ք, պարագլուխ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը պատրաստ էր ոչ միայն աղոթելու Օստապին, այլև համբուրելու նրա մորեգույն կոշիկների ներբանները։
 +
 +
― Վաղը, ― ասում էր նա, ― վաղը, վաղը, վաղը։
 +
 +
Նա ուզում էր երգել։
 +
 +
 +
==Եվրոպական ձևի քվեարկություն==
 +
 +
 +
Այն միջոցին, երբ բարեկամներն ապրում էին կուլտ֊լուսավորական կյանքով, այցելում էին թանգարաններն ու ավանսներ խոստանում աղջիկներին, Ստարգորոդում, Պլեխանովի փողոցի վրա, կրկնակի այրի Գրիցացուևան, այդ հաստլիկ և թույլ կինը, խորհրդակցում և գաղտնի գործում էր իր հարևանների հետ։ Բոլորը խմբովին զննում էին Բենդերի թողած երկտողը և նույնիսկ լույսին էին նայում։ Բայց նրա վրա ջրանիշեր չկային և լինելու դեպքում էլ հոյակապ Օստապի խորհրդավոր խզբզանքները ավելի չէին պարզանա։
 +
 +
Անցավ երեք օր։ Հորիզոնը մաքուր էր մնում։ Չէին վերադառնում ո՛չ Բենդերը, ո՛չ թեյքամիչը, ո՛չ ուռուցիկ ապարանջանը, ո՛չ աթոռը։ Բոլոր այդ շնչավոր և անշունչ առարկաները կորել էին ամենահանելուկային ձևով։
 +
 +
Այդ ժամանակ այրին ձեռք առավ արմատական միջոցներ։ Նա գնաց «Ստարգորոդյան պրավդայի» գրասենյակը և և նրա համար այնտեղ վռազ մի հայտարարություն թխեցին․
 +
 +
::::::::::Աղաչում եմ
 +
 +
::::::::Տեղն իմացող անձանց։
 +
 +
Տանից գնացել է ընկեր Բենդերը, 25 ― 30 տար․ Հագած է կանաչ կոստյում, դեղին կոշիկներ և երկնագույն ժիլետ։
 +
 +
Թխահեր է։
 +
 +
Իմացողներին խնդրում եմ հայտնել լավ վարձատրությամբ։
 +
 +
Պլեխանովի փողոց, 15, Գրիցացուևային։
 +
 +
 +
― Դա ձեր տղա՞ն է, ― կարեկցանքով հարցրին գրասենյակում։
 +
 +
― Մարդս է, ― պատասխանեց տառապյալը, երեսը թաշկինակով ծածկելով։
 +
 +
― Ախ, մա՜րդը։
 +
 +
― Օրինական։ Իսկ ի՞նչ կա։
 +
 +
― Ոչինչ։ Բայց և այնպես լավ կլիներ միլիցիային դիմեիք։
 +
 +
Այրին վախեցավ։ Միլիցիայից նա սարսափում էր։ Տարօրինակ հայացքների ուղեկցությամբ այրին գնաց։
 +
 +
«Ստարգորոդյան Պրավդայի» էջերից երեք անգամ հնչեց այդ կոչը։ Բայց լուռ էր մեծ երկիրը։ Չգտնվեցին դեղնակոշիկ թխահերի տեղն իմացող անձինք։ Ոչ ոք չներկայացավ լավ վարձատրություն ստանալու։ Հարևանները չարախոսում էին։
 +
 +
Այրու ճակատը օրեցօր մռայլվում էր։ Եվ տարօրինակ բան․ ամուսինը հրթիռի պես երևաց և անհետացավ, իր հետ սև երկինք տանելով լավ աթոռն ու ընտանեկան թեյքամիչը, իսկ այրին դեռ շարունակում էր սիրել նրան։ Ո՞վ կարող է հասկանալ կնոջ, մանավանդ այրի կնոջ սիրտը։
 +
 +
 +
Ստարգորոդում արդեն ընտելացել էին տրամվային և աներկյուղ նստում էին։ Կոնդուկտորները թարմ ձայնով բղավում էին՝ «Տեղ չկա», և ամեն բան այնպես էր ընթանում, ասես տրամվայը քաղաքում հիմնվել էր դեռ Կարմիր Արև Վլադիմիրի օրոք։ Բոլոր կարգի հաշմանդամները, երեխաներով կանայք և Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը վագոն էին բարձրանում առաջին դռնից։ «Տոմսեր ստացեք» ճիչին Պոլեսովը փքված ասում էր «Տարեկան է» և մնում էր վագոնավարի կողքին։ Տարեկան տոմս նա չուներ և չէր էլ կարող ունենալ։
 +
 +
Վորոբյանինովի և մեծ կոմբինատորի այնտեղ լինելը խոր հետք էր թողել քաղաքում։
 +
 +
Դավադիրները խնամքով թաքցնում էին իրենց վստահված գաղտնիքը։ Լուռ էր նույնիսկ Վիկտոր Միխայլովիչը, որի լեզուն քոր էր գալիս հենց առաջին հանդիպածին պատմելու իրեն հուզող գաղտնիքները։ Սակայն, մտաբերելով Օստապի հուժկու կռները, Պոլեսովը դիմանում էր։ Նա սիրտը բացում էր միայն գուշակուհու հետ խոսելիս։
 +
 +
― Իսկ ի՞նչ եք կարծում, Ելենա Ստանիսլավովնա, ― ասում էր նա, ― ինչո՞վ բացատրել մեր ղեկավարների բացակայությունը։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնային ևս խիստ հետաքրքրում էր այդ հանգամանքը, բայց նա ոչ մի տեղեկություն չուներ։
 +
 +
― Իսկ չե՞ք կարծում արդյոք, Ելենա Ստանիսլավովնա, ― շարունակում էր անհանգիստ փականագործը, ― որ նրանք հիմա հատուկ առաջադրանք են կատարում։
 +
 +
Գուշակուհին համոզված էր, որ հենց այդպես էլ կա։ Նույն կարծիքին էր, հավանորեն, և կարմրավարտիք թութակը։ Նա իր կլորավուն խելացի աչքերով նայեց Պոլեսովին, կարծես ասելով․ «Սեմուչկա տուր, և ես հիմա ամեն ինչ կպատմեմ քեզ։ Վիկտոոր, դու կլինես նահանգապետ։ Բոլոր փականագործները քեզ կենթարկվեն։ Իսկ N 5 տան դռնապանը այնպես էլ ինքն իրեն գյադա երևակայող դռնապան կմնա»։
 +
 +
― Իսկ դուք ի՞նչ եք կարծում, Ելենա Ստանիսլավովնա, որ մենք պետք է շարունակենք աշխատանքը։ Ինչ ուզում է լինի, անկարելի է նստել ձեռքերը ծալած։
 +
 +
Գուշակուհին համաձայնեց և նկատեց․
 +
 +
― Բայց ախր Իպոլիտ Մատվեևիչը հերոս է։
 +
 +
― Հերո՞ս է, Ելենա Ստանիսլավովնա։ Պարզ է։ Իսկ նրա հետի մարտական սպա՞ն։ Գործարար մարդ է։ Ինչպես կամենաք, Ելենա Ստանիսլավովնա, բայց գործն այսպես կանգուն մնալ չի կարող։ Վճռականապես չի կարող։
 +
 +
Եվ Պոլեսովն սկսեց գործել։ Նա կանոնավոր այցելում էր «Թրի և խոփի» գաղտնի ընկերության բոլոր անդամներին, մանավանդ խիստ ձանձրացնում էր օդեսյան բուբլիկների «Մոսկովյան օղաբլիթ» արտելի զգույշ տիրոջը՝ քաղաքացի Կիսլյարսկուն։ Կիսլյարսկին Պոլեսովին տեսնելուն պես սևանում էր։ Իսկ գործելու անհրաժեշտության մասին խոսքերը խելագարության էին հասցնում վախկոտ օղաբլիթ թխողին։
 +
 +
Շաբաթվա վերջին բոլորը հավաքվեցին Ելենա Ստանիսլավովնայի թութակավոր սենյակում։ Պոլեսովը եռուզեռի մեջ էր։
 +
 +
― Դու, Վիկտոր, մի մռթմռթա, ― ասում էր նրան խելամիտ Դյագելը, ― ի՞նչ ես ամբողջ օրերով թրև գալիս քաղաքում։
 +
 +
― Գործե՛լ է պետք, ― բղավում էր Պոլեսովը։
 +
 +
― Գործել պետք է, բայց բղավել բոլորովին պետք չէ։ Ես, պարոնայք, ահա թե ինչպես եմ այդ ամենը պատկերացնում։ Որ Իպոլիտ Մատվեևիչն է ասել, նշանակում է սրբազան  գործ է։ Եվ պետք է ենթադրել, որ մեզ սպասելու քիչ բան է մնացել։ Թե ինչպես է տեղի ունենալու այդ ամենը, մեր գիտենալու բանը չէ, դրա համար զինվորական մարդիկ կան։ Իսկ մենք՝ քաղաքային ինտելիգենցիայի  և վաճառականության ներկայացուցիչներս՝ քաղաքացիական մասն ենք։ Ի՞նչ է կարևոր մեզ։ Լինել պատրաստ։ Որևէ բան ունե՞նք մենք։ Կենտրոն ունե՞նք։ Չունենք։ Ո՞վ է կանգնելու քաղաքի գլխին։ Ոչ ոք չկա։ Իսկ դա, պարոնայք, ամենից գլխավորն է։ Անգլիացիք, պարոնայք, թվում է, թե այլևս նազուտուզ չեն անելու բոլշևիկների հետ։ Դա առաջին նշանն է։ Ամեն բան կփոխվի, պարոնայք, և շատ արագ։ Հավատացնում եմ ձեզ։
 +
 +
Մենք դրանում իսկի չենք էլ կասկածում, ― ասաց Չարուշնիկովը, փքվելով։
 +
 +
― Եվ հիանալի է, որ չեք կասկածում։ Ձեր կարծի՞քը, պարոն Կիսլյարսկի։ Եվ ձե՞րը, երիտասարդներ։
 +
 +
Նիկեշան և Վլադյան իրենց ամբողջ տեսքով համոզվածություն արտահայտեցին արագ փոփոխությունների նկատմամբ։ Իսկ Կիսլյալրսկին «Բիստրոուփակ» առևտրական ֆիրմայի  տիրոջ խոսքերից այնպես հասկանալով, որ ինքը ոչ մի անմիջական մասնակցություն չի ունենալու զինված ընդհարումներին, ուրախացած համաձայնեց։
 +
 +
― Բա հիմա ի՞նչ ենք անելու, ― անհամբեր հարցրեց Վիկտոր Միխայլովիչը։
 +
 +
― Սպասեցե՛ք, ―  ասաց Դյադևը, ― օրինակ վերցրեք պարոն Վորոբյանինովի ուղեկցից։ Ի՜նչ ճարպկություն։ Ի՜նչ զգուշություն։ Նկատեցի՞ք, թե ինչ արագությամբ գործը շուռ տվեց անապաստանների օգնության վրա։ Այդ կերպ պետք է գործենք նաև մենք։ Մենք միայն օգնում ենք երեխաներին։ Եվ այսպես, պարոնայք, նշենք թեկնածուներ։
 +
 +
― Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին մենք առաջարկում ենք իբրև ազնվականության պարագլուխ, ― բացականչեցին երիտասարդները՝ Նիկեշան ու Վլադյան։
 +
 +
Չարուշնիկովը ներողամտաբար հազաց։
 +
 +
― Բա՜ն ասիք։ Նա մինիստրից պակաս չի լինի։ Վայ թե բարձր էլ լինի՝ դիկտատոր։
 +
 +
― Ինչե՜ր եք ասում, պարոնայք, ― ասաց Դյադևը, ― պարագլուխը տասներորդական խնդիր է։ Մենք նահանգապետի մասին պետք է մտածենք և ոչ թե պարագլխի։ Եկեք սկսենք նահանգապետից։ Ես կարծում եմ․․․
 +
 +
― Պարոն Դյադևին, ― ոգևորված բացականչեց Պոլեսովը։ ― Էլ ո՞վ է իր ձեռքը վերցնելու ողջ նահանգի կառավարման սանձերը։
 +
 +
― Ես խիստ շոյված եմ զգում այն վստահությամբ․․․ ― սկսեց Դյադևը։ Բայց այդ պահին հանկարծ հանդես եկավ կարմրատակած Չարուշնիկովը։
 +
 +
― Այդ հարցը, պարոնայք, ― ասաց նա ճիգ գործադրելով, ― հարկ է մի լավ քննարկել։
 +
 +
Բայց նա աշխատում էր չնայել Դյադևի երեսին։
 +
 +
«Բիստրոուպակի» տերը հպարտորեն զննում էր իր սապոգները, որոնց փայտի տաշեղներ էին կպել։
 +
 +
― Ես չեմ առարկում, ― արտասանեց նա, ― եկեք քվեարկենք ազնվորեն, եվրոպական ձևով՝ փակ։
 +
 +
Քվերարկեցին թղթիկներով։ Դյադևի օգտին տրված էր չորս ձայն։ Չարուշնիկովի՝ երկու։ Մեկը ձեռնպահ էր մնացել։ Կիսլյարսկու դեմքից երևում էր, որ նա է մնացել։ Նա չէր ուզում իր հարաբերությունները փչացնել ապագա նահանգապետի հետ, ով էլ որ լիներ։
 +
 +
Երբ դողդողացող Պոլեսովը հրապարակեց եվրոպական ազնիվ քվեարկության արդյունքները, սենյակում ճնշող լռություն տիրեց։ Աշխատում էին չնայել Չարուշնիկովին։ Նահանգապետության ձախորդ թեկնածուն նստել էր ասես թքակոծված։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան շատ էր ցավում նրա համար։ Այդ նա էր քվեարկել նրա օգտին։
 +
 +
Մյուս ձայնը իր օգտին տվել էր ինքը, ընտրական գործերում փորձված Չարուշնիկովը։ Բարի Ելենա Ստանիսլավովնան անմիջապես վրա բերեց․
 +
 +
― Իսկ քաղաքագլուխ ես առաջարկում եմ այնուամենայնիվ ընտրել մուսյո Չարուշնիկովին։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ ― այնուամենայնիվ, ― հարցրեց մեծահոգի նահանգապետը։ ― Ոչ թե այնուամենայնիվ, այլ հենց նրան և ուրիշ ոչ ոքի։ Մեզ բոլորիս հայտնի է պարոն Չարուշնիկովի հասարակական գործունեությունը։
 +
 +
― Խնդրում ենք, ― բղավեցին բոլորը։
 +
 +
― Ուրեմն, ընտրությունը համարել հաստատվա՞ծ։
 +
 +
Թքակոծված Չարուշնիկովը կենդանացավ և նույնիսկ բողոքարկեց․
 +
 +
― Ոչ, ոչ, պարոնայք, ես խնդրում եմ քվեարկել։ Քաղաքագլխին նույնիսկ ավելի է անհրաժեշտ քվեարկել, քան նահանգապետին։ Եթե դուք, պարոնայք, ուզում եք ինձ վստահել, ապա խնդրում եմ, շատ եմ խնդրում քվեարկել։
 +
 +
Դատարկ շաքարամանի մեջ թղթիկներ գցեցին։
 +
 +
― Վեց ձայն կողմ, ― ասաց Պոլեսովը, ― և մեկ ձեռնպահ։
 +
 +
― Շնորհավորում եմ ձեզ, պարոն քաղաքագլուխ, ― ասաց Կիսլյարսկին, որի դեմքից երևում էր, որ այս անգամ էլ նա է ձեռնպահ մնացել։ ― Շնորհավորում եմ։
 +
 +
Չարուշնիկովը փթթեց։
 +
 +
― Մնում է թարմանալ, ձերդ գերազանցություն, ― ասաց նա Դյադևին։ ― Ապա մի, Պոլեսով, թռիր «Հոկտեմբեր»։ Փող ունե՞ս։
 +
 +
Պոլեսովը ձեռքով խորհրդավոր շարժում արեց և դուրս թռավ։ Ընտրություններն առժամանակ ընդհատեցին և շարունակեցին արդեն ընթրիքից հետո։
 +
 +
Ուսումնական օկրուգի հոգաբարձու նշեցին ազնվական գիմնազիայի նախկին դիրեկտոր, այժմ բուկինիստ Ռասպոպովին։ Նրան շատ գովեցին։ Միայն Վլադյան, որն երեք ըմպանակ օղի էր խմել, բողոքեց․
 +
 +
― Նրան չի կարելի ընտրել։ Ավարտական քննություններին նա ինձ երկու դրեց տրամաբանությունից։
 +
 +
Վլադայի վրա հարձակվեցին։
 +
 +
― Վճռական այս ժամին, ― բղավեցին նրա վրա, ― չի կարելի մտածել սեփական բարօրության մասին։ Մտածեցեք հայրենիքի մասին։
 +
 +
Վլադյային այնպես շուտ համոզեցին, որ ինքն անգամ քվեարկեց իրեն չարչարողի օգտին։ Ռասպոպովը ընտրվեց բոլոր ձայներով՝ մեկի ձեռնպահությամբ։
 +
 +
Կիսլյարսկուն առաջարկեցին բորսայի կոմիտեի նախագահի պոստը։ Նա դրա դեմ չէր առարկում, բայց քվեարկելիս համենայն դեպս ձեռնպահ մնաց։
 +
 +
Բոլոր ծանոթներին ու ազգականներին աչքի անցկացնլուց հետո ընտրեցին՝ ոստիկանապետին, փորձարկման պալատի վարիչին, աքցիզնուն, հարկային և գործարանային տեսուչներին, լրացրեցին օկրուգային դատախազի, դատարանի նախագահի, քարտուղարի և անդամների թափուր տեղերը, նշեցին զեմստվոյի և առևտրական վարչության նախագահներին, երեխաների հոգաբարձության նախագահին։ Ելենա Ստանիսլավովնային ընտրեցին «Մի կաթիլ կաթ» և «Սպիտակ ծաղիկ» ընկերությունների հոգաբարձուհի։ Նիկեշային և Վլադյային, նրանց ջահելության պատճառով, նշանակեցին հատուկ հանձնարարությունների աստիճանավորներ՝ նահանգապետի մոտ։
 +
 +
― Թո՛ւյլ տվեք, ― բացականչեց հանկարծ Չարուշնիկովը։ Նահանգապետին ամբողջ երկու աստիճանավոր։ Բա ինձ։
 +
 +
― Քաղաքագլխին, ― մեղմորեն ասաց նահանգապետը, ― հաստիքով հատուկ հանձնարարությունների աստիճանավոր չի հասնում։
 +
 +
― Այդ դեպքում քարտուղար տվեք։
 +
 +
Դյադևը համաձայնեց։ Աշխուժացավ և Ելենա Ստանիսլավովնան։
 +
 +
― Արդյոք չի՞ կարելի, ― ասաց նա վախվխելով, ― ինձ մոտ մի ջահել մարդ կա, շատ հաճելի և դաստիարակված տղա։ Տիկին Չերքեզովայի տղան․․․ Շատ, շատ հաճելի և շատ ընդունակ․․․ Նա հիմա գործազուրկ է։ Աշխատանքի բորսայումն է գրանցված։ Նույնիսկ տոմս ունի։ Նրան խոստացել են մոտ օրերս միության մեջ ընդունել․․․ Արդյոք չէի՞ք կարող վերցնել նրան ձեզ մոտ։ Մայրը շատ շնորհակալ կլինի։
 +
 +
― Թերևս, կարելի է վերցնել, ― գթասրտորեն ասաց Չարուշնիկովը, ― ի՞նչ կարծիքի եք այդ մասին, պարոնայք։ Լավ։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, կհաջողվի։
 +
 +
― Ինչ կա որ, ― նկատեց Դյադևը, ― կարծես, ընդհանուր գծերով․․․ վե՛րջ։ Ամեն ինչ կարծես վերջացրինք։
 +
 +
― Բա ե՞ս, ― հանկարծ լսվեց բարակ, հուզող մի ձայն։
 +
 +
Բոլորը շուռ եկան։ Անկյունում, թութակի կողքին կանգնել էր սաստիկ վրդովված Պոլեսովը։ Վիկտոր Միխայլովիչի սև կոպերի վրա արցունքներ էին երևում։ Բոլորն ամաչեցին։ Հյուրերը հանկարծ հիշեցին, որ խմում են Պոլեսովի օղին, և որ նա ընդհանրապես «Սրի ու խոփի» Ստարգորոդի բաժանմունքի գլխավոր կազմակերպիչներից մեկն է։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան ձեռքը տարավ քունքերին և վախեցած ճչաց։
 +
 +
― Վի՛կտոր Միխայլովիչ, ― հեծեցին բոլորը։ ― Աղավնյա՜կս։ Սիրելի՜ս։ Ինչպես չեք ամաչում։ Ախր ինչու եք կանգնել անկյունում։ Մոտ եկեք անմիջապես։
 +
 +
Պոլեսովը մոտեցավ։ Նա տանջվում էր։ Նա սրի ու խոփի իր ընկերներից այդպիսի անհոգիություն չէր սպասում։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան չհամբերեց․
 +
 +
― Պարոնա՛յք, ― ասաց նա, ― զարհուրելի բան է սա։ Ինչպե՞ս կարող էիք դուք մոռանալ մեզ բոլորիս սիրելի Վիկտոր Միխայլովիչին։
 +
 +
Նա վեր կացավ և համբուրեց արիստոկրատ փականագործի մրոտ ճակատը։
 +
 +
― Մի՞թե, պարոնայք, Վիկտոր Միխայլովիչը չի կարող լինել ուսումնական օկրուգի հոգաբարձու կամ ոստիկանապետ։
 +
 +
― Դե իհարկե, նա հիանալի, մարդասեր հոգաբարձու կլինի, ― պաշտպանեց քաղաքագլուխը, սունկ կուլ տալով և կնճռոտվելով։
 +
 +
― Բա Ռասպոպո՞վը, ― նեղացած ծոր տվեց Վիկտոր Միխայլովիչը։ ― Չէ՞ որ դուք արդեն նշանակել եք Ռասպոպովին։
 +
 +
― Հա, իսկապես, ի՞նչ ենք անելու Ռասպոպովին։
 +
 +
― Հրշեջապետ։ Հը՞․․․
 +
 +
― Հրշեջապետ, ― հուզվեց հանկարծ Վիկտոր Միխայլովիչը։
 +
 +
Մի ակնթարթում նրա աչքերի առջև ծագեցին հրշեջ կառքեր, կրակների ցոլք, շեփորների հնչյուն ու թմբուկի կտկտոց։ Փայլատակեցին կացինները, ճոճվեցին ջահերը, գետինը պատառոտվեց և սևաթույր վիշապները սլրացրին նրան քաղաքային թատրոնի հրդեհավայրը։
 +
 +
― Հրշեջապե՞տ։ Ես ուզում եմ լինել հրշեջապետ։
 +
 +
― Ա՜յ հիանալի բան։ Շնորհավորում եմ ձեզ։ Այսուհետև դուք հրշեջապետ եք։
 +
 +
― Հրշեջ դրուժինայի ծաղկման կենացը, ― հեգնորեն ասաց բորսային կոմիտեի նախագահը։
 +
 +
Բոլորը հարձակվեցին Կիսլյարսկու վրա։
 +
 +
― Դուք միշտ էլ ձախ եք եղել։ Գիտենք ձեզ։
 +
 +
― Պարոնայք, ի՞նչ ձախ եմ ես։
 +
 +
― Գիտենք, գիտենք․․․
 +
 +
― Ձախ եք։
 +
 +
― Բոլոր հրեաները ձախ են։
 +
 +
― Աստված վկա, պարոնայք, ես ձեր այդ կատակը չեմ հասկանում։
 +
 +
― Ձախ եք, ձախ, մի թաքցրեք։
 +
 +
― Գիշերները քնում և երազում Միլյուկովին է տեսնում։
 +
 +
― Կադե՛տ։ Կադե՛տ։
 +
 +
― Կադետները Ֆինլյանդիան ծախեցին, ― մռնչաց հանկարշ Չարուշնիկովը, ― ճապոնացիներից փող վերցրին։ Հակերով լցրեցին։
 +
 +
Կիսլյարսկին չդիմացավ անհիմն մեղադրանքների հեղեղին։ Բորսային կոմիտեի դժգույն նախագահը, աչքերը փայլեցնելով, բռնեց աթոռի մեջքից և զրնգուն ձայնով ասաց․
 +
 +
― Ես միշտ էլ օկտյաբրիստ եմ եղել և այդպիսին էլ կմնամ։
 +
 +
Սկսեցին տնտղել, թե ով ինչ պարտիայի է համակրում։
 +
 +
― Պարոնայք, ամենից առաջ դեմոկրատիա, ― ասաց Չարուշնիկովը, ― մեր քաղաքային ինքնավարությունը դեմոկրատական է լինելու։ Բայց առանց կադետների։ Նրանք մեզ բավականաչափ մուռտառեցին տասնյոթ թվականին։
 +
 +
― Հուսով եմ, ― թունոտ հետաքրքրվեց նահանգապետը, ― որ մեր մեջ չկան այսպես կոչված սոցիալ֊դեմոկրատներ։
 +
 +
Օկտյաբրիստներից ձախ, որոնց նիստում ներկայացնում էր Կիսլյարսկին, ոչ ոք չկար։ Չարուշնիկովն իրեն հայտարարեց «կենտրոն»։ Ամենաաջ թևում կանգնած էր հրշեջապետը։ Նա այնքան աջ էր, որ նույնիսկ չգիտեր, թե որ պարտիային է պատկանում։
 +
 +
Խոսք բացվեց պատերազմի մասին։
 +
 +
― Էսօր֊էգուց, ― ասաց Դյադևը։
 +
 +
― Պատերազն կլինի, կլինի։
 +
 +
― Խորհուրդ եմ տալիս որոշ բան մթերել, քանի դեռ ուշ չէ։
 +
 +
― Դուք կարծո՞ւմ եք, ― անհանգստացավ Կիսլյարսկին։
 +
 +
― Իսկ դուք ի՞նչ եք ենթադրում։ Կարծում եք, թե պատերազմի ժամանակ հնարավոր կլինի՞ որևէ բան ճարել։ Ալյուրն անմիջապես շուկայից կվերանա։ Արծաթյա դրամները գետնի տակ կանցնեն, հրապարակ կգան ամեն տեսակ թղթադրամներ, հավասար շրջանառություն ունեցող փոստային դրոշմանիշներ և զանազան նման բաներ։
 +
 +
― Պատերազմը վճռված բան է։
 +
 +
― Դուք ձեր գիտցածի պես վարվեք, ― ասաց Դյադևը, ― իսկ ես իմ բոլոր ազատ միջոցները դնելու եմ առաջին անհրաժեշտության առարկաներ գնելու։
 +
 +
― Իսկ ձեր մանուֆակտուրայի գոր՞ծը։
 +
 +
― Մանուֆակտուրան ինքնըստինքյան, իսկ ալյուրն ու շաքարը իրենց հերթին։ Այնպես, որ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։ Խորհուրդ եմ տալիս համառորեն։
 +
 +
Պոլեսովը քմծիծաղ տվեց։
 +
 +
― Բա բոլշևիկներն ինչպե՞ս են կռվելու։ Ինչո՞վ։ Ինչո՞վ են կռվելու։ Հին հրացաններո՞վ։ Բա օդային նավատո՞րմը։ Ինձ մի նշանավոր կոմունիստ ասում էր, թե իրենք, ― հը ինչ եք կարծում, ― որքա՞ն սավառնակ ունեն։
 +
 +
― Երկու հարյուր հատ։
 +
 +
― Երկու հարյո՞ւր։ Ոչ թե երկու հարյուր, այլ երեսուներկու։ Իսկ Ֆրանսիան ութսուն հազար մարտական սավառնակ ունի։
 +
 +
― Ցրվեցին կես գիշերից ուշ։
 +
 +
― Դա՜֊ա․․․ Ի՜նչ օրի հասցրին բոլշևիկները։
 +
 +
Նահանգապետը գնաց ճանապարհ դնելու քաղաքագլխին։ Երկուսն էլ չափազանցված համաչափ էին քայլում։
 +
 +
― Նահանգապե՜տ, ― ասում էր Չարուշնիկովը։ ― Ի՜նչ նահանգապետ ես դու, երբ գեներալ չես։
 +
 +
― Ես քաղաքացիական գեներալ կլինեմ, իսկ դու նախանձո՞ւմ ես։ Երբ ուզենամ քեզ կբանտարկեմ։ Կնստես ինձ մոտ։
 +
 +
― Ինձ չի կարելի նստեցնել։ Ես քվեարկված եմ, վստահությամբ եմ օժտված։
 +
 +
― Մեկ քվեարկված դիմաց երկու քվեարկված են տալիս։
 +
 +
― Խնդրում եմ ինձ հետ կատակներ չանել, ― բղավեց հանկարծ Չարուշնիկովը փողոցով մեկ։
 +
 +
― Ի՞նչ ես գոռում, հիմար, ― հարցրեց նահանգապետը։ ― Ուզում ես գիշերել միլիցիայո՞ւմ։
 +
 +
― Ինձ չի կարելի գիշերել միլիցիայում, ― պատասխանեց քաղաքագլուխը, ― ես սովետական ծառայող եմ․․․
 +
 +
Մի աստղ էր փայլում։ Կախարդական գիշեր էր։ Երկրորդ Սովետական փողոցի վրա շարունակվում էր վեճը նահանգապետի և քաղաքագլխի միջև։
 +
 +
 +
==Սևիլյայից մինչ Գրենադա==
 +
 +
 +
Ներեցե՛ք, իսկ ո՞ւր է տեր Ֆյոդորը։ Ո՞ւր է Ֆրոլ և Լավր եկեղեցու խուզված քահանան։ Նա, կարծես, պատրաստվում էր գնալու Վինոգրադնայա փողոցի N 34 տունը քաղաքացի Բռունսի մոտ։ Որտե՞ղ է հրեշտակի կերպարանքով այդ գանձ որոնողը, որը ոխերիմ թշնամին է այժմ մութ միջանցքում անկիզելի պահարանի մոտ հերթապահող Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովի։
 +
 +
Անհետացել էր տեր Ֆյոդորը։ Ֆռռացնում էր նրան սատանան։ Ասում էին, թե նրան տեսել են Դոնի երկաթուղու Պոպասնայա կայարանում։ Կառամատույցով վազում էր նա եռած ջրով թեյնիկը ձեռքին․․․
 +
 +
Քաղցել էր տեր Ֆյոդորը։ Հարստություն էր տենչում։ Թափառում էր նա բովանդակ Ռուսաստանում, փնտրելով գեներալշա Պոպովայի գարնիտուրը, որի մեջ, պետք է խոստովանել ոչինչ էլ չկար։
 +
 +
Ման է գալիս Ռուսաստանում տեր Ֆյոդորը։ Միայն նամակներ է գրում կնոջը։
 +
 +
::::::::::::<b>Տեր Ֆյոդորի նամակը</b>
 +
 +
:::::::::::Գրված Խարկովում, կայարանում
 +
 +
:::::::::::Գավառական N քաղաք՝ իր կնոջը
 +
 +
Հոգյա՛կդ իմ, Կատերինա Ալեքսանդրովնա։
 +
 +
Ես շատ ու շատ մեղավոր եմ քո առջև։ Այսպիսի ժամանակ թողել եմ քեզ, խեղճուկրակիդ, մեն֊մենակ։
 +
 +
Ամեն բան պատմելու եմ քեզ։ Դու ինձ կհասկանաս և, կարելի է հուսալ, որ կհամաձայնես։
 +
 +
Ես, իհարկե, ոչ մի կենդանի եկեղեցականի մոտ չեմ գնացել և մտքովս էլ չի անցել գնալ, և թող աստված փրկի ինձ դրանից։
 +
 +
Հիմա կարդա ուշադիր։ Շուտով մենք այլ կերպ կապրենք։ Հիշո՞ւմ ես, քեզ ասում էի մոմի գործարանի մասին։ Կլինի շուտով դա էլ և դեռ, կարող է պատահել, ուրիշ բաներ էլ։ Եվ դու արդեն ստիպված չես լինի ամեն օր ճաշ եփել և բացի դա ճաշողներ պահել։ Կգնանք Սամարա և սպասուհի կվարձենք։
 +
 +
Այսպիսի բան կա, բայց դու գաղտնի պահիր ասածներս և ոչ ոքի, նույնիսկ Մարիա Իվանովնային մի ասա։ Ես գանձ եմ որոնում։ Հիշո՞ւմ ես, հանգուցյալ Կլավդյա Իվանովնա Պետուխովային, Վորոբյանինովի զոքանչին։ Մահվանից առաջ Կլավդյա Իվանովնան ինձ խոստովանեց, թե իր տանը, Ստարգորոդում, հյուրասենյակի աթոռներից մեկի մեջ (դրանք բոլորը տասներկու հատ են) թաքցված են իր ադամանդները։
 +
 +
Դու Կատենկա, չկարծես, թե ես գողի մեկն եմ։ Այդ ադամանդները նա կտակել է ինձ և պատվիրել է պահպանել Իպոլիտ Մատվեևիչից, իր վաղեմի տանջողից։
 +
 +
Ահա թե ինչու ես քեզ, խեղճուկրակիդ, այդպես անսպասելի կերպով լքեցի։
 +
 +
Դու ինձ բնավ մի մեղադրիր։
 +
 +
Եկա ես Ստարգորոդ և, պատկերացրու, այդ քաֆթառ կնասերը ևս հայտնվեց այնտեղ։ Մի կերպ իմացել է։ Երևում է, պառավին մահվանից առաջ տանջաքննել է։ Սարսափելի մարդ է։ Նրա հետ էլ ինչ֊որ մի քրեական հանցավոր է ման գալիս՝ բանդիտ է վարձել իր համար։ Նրանք ուղղակի հարձակվեցին վրաս, ուզում էին վերացնել երկրի երեսից։ Բայց ես նրանց ասածներիցը չեմ, թող բերանս մատ չկոխեն, անձնատուր չեղա։
 +
 +
Սկզբում ես սխալ ճանապարհով գնացի։ Միայն մի աթոռ գտա Վորոբյանինովի տանը (այնտեղ հիմա աստվածահաճո հիմնարկ է)։  Այդ կահույքը տանում էի «Սորբոնի» իմ համարը, և հանկարծ մի մարդ անկյունից առյուծի պես մռնչալով հարձակվեց վրաս և բռնեց աթոռից։ Քիչ մնաց բանը կռվի հասներ։ Ինձ խայտառակել էին ուզում։ Հետո մի լավ նայեցի, տեսնեմ ի՜նչ՝ Վորոբյանի՛նովը։ Սափրվել է, պատկերացրու, գլուխն էլ մերկացրել է, աֆերիստը, օր ծերության ամոթ խայտառակություն։
 +
 +
Աթոռը ջարդոտեցինք՝ մեջը ոչինչ չկար։ Էդ ես հետո հասկացա, որ սխալ ճանապարհով եմ գնում։ Իսկ այն պահին շատ վշտացա։
 +
 +
Խիստ վիրավորանք զգացի և ամբողջ ճշմարտությունը այդ անբարոյականի երեսովը տվեցի։
 +
 +
«Ի՜նչ խայտառակություն, ասում եմ, հիմա Ռուսաստանում, որ ազնվականության պարագլուխը հանց առյուծ հարձակվում է քահանայագործ պաշտոնյայի վրա և կշտամբում է անկուսակցականության համար։ Դուք, ասում եմ, ստոր մարդ եք, Կլավդյա Իվանովնայի տանջողը և ուրիշի բարիքի ետևից ընկնողը, բարիք, որն հիմա պետական է, քոնը չէ»։
 +
 +
Ամաչեց և հեռացավ ինձանից, գնաց, երևի, հասարակաց տուն։
 +
 +
Իսկ ես գնացի «Սորբոնի» իմ համարը և սկսեցի խորհրդածել հետագա պլանի մասին։ Ես հասկացա մի բան, որ այդ սափրված հիմարի մտքովն անգամ չի անցնի․ ես որոշեցի գտնել այն մարդուն, որը բաշխել է բռնագրավված կահույքը։ Պատկերացրու, Կատենկա, զուր չէ, որ ես իրավաբանական ֆակուլտետումն էի սովորել ― այսօր պետք եկավ։ Ես գտա այդ մարդուն։ Հենց մյուս օրն էլ գտա։ Վարֆոլոմեիչը շատ օրինավոր ծերուկ է։ Ապրում է իր պառավ տատիկի հետ և ծանր աշխատանքով իր հացն է վաստակում։ Նա ինձ բոլոր փաստաթղթերը տվեց։ Ստիպված էի, ճիշտ է, վարձատրել նման ծառայությունը։ Մնացի առանց փող (բայց այդ մասին հետո)։ Պարզվեց, որ Վորոբյանինովների տան հյուրասենյակի բոլոր տասներկու աթոռն էլ ընկել են ինժեներ Բռունսի ձեռքը, որն ապրում է Վինոգրադնայա փողոցի N 34 տանը։ Նկատի առ, որ բոլոր աթոռները ընկել են մի մարդու ձեռք, մի բան, որ ես բնավ չէի սպասում (վախենում էի, թե աթոռները տարբեր տեղեր կընկնեն)։ Ես շատ ուրախացա դրա համար։ Այստեղ հենց «Սորբոնում» դարձյալ հանդիպեցի այս սրիկա Վորոբյանինովին։ Մի լավ շշպռեցի նրան և նրա բանդիտ ընկերոջն էլ չխնայեցի։ Շատ էի վախենում, թե նրանք կիմանան իմ գաղտնիքը, և հյուրանոցում թաքնված մնացի այնքան ժամանակ, մինչև որ նրանք գնացին։
 +
 +
Բանից դուրս է գալիս, որ Բռունսը 1923 թվականին Ստարգորոդից մեկնել է Խարկով, ուր նրան ծառայության են նշանակել։ Դռնապանից իմացա, որ նա իր հետ տարել է ողջ կահույքը և շատ լավ էլ պահում է։ Ասում են շատ ծանրաբարո մարդ է։
 +
 +
Հիմա նստած Խարկովի կայարանում գրում եմ քեզ ահա թե ինչ առիթով։ Նախ և առաջ քեզ շատ եմ սիրում և միշտ հիշում եմ, իսկ երկրորդ, Բռուսնը արդեն այստեղ չէ։ Բայց դու մի վշտանա։ Բռունսը այժմ աշխատում է Ռոստովում, ինչպես իմացա՝ «Նովոռոսցեմենտում»։ Փողս ճանապարհին հազիվ հերիքի։ Մի ժամ հետո մեկնում եմ ապրանքա֊մարդատար գնացքով։ Իսկ դու, իմ բարի տիրուհիս, անցիր, խնդրում եմ, փեսիս մոտ, վերցրու նրանից հիսուն ռուբլի (նա ինձ պարտք է և խոստացել է տալ) և ուղարկիր Ռոստով․ գլխավոր փոստատուն, ցպահանջ, Ֆյոդոր Իվանովիչ Վոստրիկովին։ Խնայողության նկատառաումներով փոխադրիր փոստով։ Կարժենա երեսուն կոպեկ։
 +
 +
Ի՞նչ կա մեր քաղաքում։ Ի՞նչ նորություններ։
 +
 +
Կոնդրատևնան եղա՞վ քեզ մոտ։ Տեր Կիրիլին ասա, որ շուտով կվերադառնամ․ իբր գնացել եմ Վորոնեժ՝ մեռնող մորաքրոջս մոտ։ Միջոցները տնտրսիր։ Եվստիգնևը դեռ ճաշո՞ւմ է։ Բարևիր նրան իմ կողմից։ Ասա, որ գնացել եմ մորաքրոջս մոտ։
 +
 +
Եղանակներն ինչպե՞ս են։ Այստեղ, Խարկովում, բոլորովին ամառ է։ Աղմկոտ քաղաք է, Ուկրաինական հանրապետության կենտրոնը։ Գավառից հետո, թվում է, թե արտասահման ես ընկել։
 +
 +
Արա․
 +
 +
1) Իմ ամառվա փարաջան տուր մաքրելու (լավ է 3 ռ․ մաքրելու տանք, քան թե նորը առնենք)։ 2) Պահպանիր առողջությունդ։ 3) Գուլենկային գրելու կլինես, ի միջի այլոց հիշատակիր, թե ես իբր Վորոնեժ եմ գնացել մորաքրոջս մոտ։
 +
 +
Իմ կողմից բարևիր բոլորին։ Ասա, որ շուտով կվերադառնամ։
 +
 +
Քնքուշ համբուրում եմ, գրկում ու օրհնում․
 +
 +
:::::::::::::::Քո ամուսին Ֆեդյա։
 +
 +
Նոտա֊բենե․ ո՞ր տեղերն է հիմա շրջում Վորոբյանինովը։
 +
 +
Սերը չորացնում է մարդուն։ Ցուլը կրքից բառաչում է։ Աղաքաղը տեղ չի գտնում իր համար։ Ազնվականության պարագլուխը կորցնում է ախրոժակը։
 +
 +
Օստապին և ուսանող Իվանոպուլոյին թողնելով պանդոկում, Իպոլիտ Մատվեևիչը ներխուժեց վարդագույն տնակը և դիրք գրավեց անկիզելի պահարանի մոտ։ Նա լսում էր Կաստիլիա մեկնող գնացքների աղմուկը և հեռացող շոգենավերի ճղփյունը։
 +
 +
<poem>
 +
Հեռուներում Ալպուխարի
 +
Ոսկյա լեռներն եմ մարում։
 +
</poem>
 +
 +
Սիրտը տրոփում էր ճոճանակի պես։ Ականջներում տկտկում էր։
 +
 +
<poem>
 +
Իմ կիթառի ձայնին արի,
 +
Իմ սիրելի, իմ սիրուն։
 +
</poem>
 +
 +
Միջանցքով մեկ տագնապ էր անցնում։ Ոչ մի բան չէր կարող ջերմացնել անկիզելի պահարանի սառնությունը։
 +
 +
<poem>
 +
Հնչում է միշտ սերենադա,
 +
Եվ սուսերներն են շաչում․․․
 +
</poem>
 +
 +
Մի խոսքով, Իպոլիտ Մատվեևիչը ծայր աստիճանի սիրահարվել էր Լիզա Կալաչովային։
 +
 +
Շատերը միջանցքով անցնում էին Իպոլիտ Մատվեևիչի կողքով, բայց նրանցից փչում էր թութունի, օղու, դեղատան կամ ամենօրյա շչչի հոտ։ Միջանցքի խավարի մեջ մարդկանց կարելի էր տաբերել միայն հոտով կամ քայլքի ծանրությամբ։ Լիզան չէր անցնում։ Իպոլիտ Մատվեևիչը համոզված էր դրանում։ Լիզան չէր ծխում, օղի չէր խմում և պայտած սապոգներ չէր հագնում։ Յոդի կամ մեծաձկան գլխի հոտ չէր կարող փչել նրանից։ Նրանից կարող էր առաջանալ միայն բրնձե խաշիլի հոտ կամ լավ պատրաստած խոտի, որով տիկին Նորդման֊Սևերովան երկար ժամանակ կերակրում էր ականավոր նկարիչ Իլյա Րեպինին։
 +
 +
Բայց ահա լսվեցին թեթև, անվստահ ոտնաձայներ։ Մեկը գալիս էր միջանցքով, կպչելով նրա էլաստիկ պատերին և անուշ֊անուշ քրթմնջալով։
 +
 +
― Այդ դո՞ւք եք, Ելիզավետա Պետրովնա, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը զեփյուռի ձայնով։
 +
 +
Ի պատասխան թավ ձայնով հարցրին․
 +
 +
― Ասացեք խնդրեմ, որտե՞ղ են ապրում Պֆեֆերկորնները։ Այս մթության մեջ ոչինչ ջոկել չի լինում։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը վախեցած լռեց․ Պֆեֆերկորններին փնտրողը տարակուսանքով սպասեց պատասխանի և, չստանալովմ առաջ սողաց։
 +
 +
Լիզան եկավ միայն ժամը իննի մոտերքը։ Նրանք դուրս եկան փողոց, երեկոյան կարմրա֊կանաչ երկնքի տակ։
 +
 +
― Որտե՞ղ ենք զբոսնելու, ― հարցրեց Լիզան։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը նայեց նրա սպիտակ ու պայծառ դեմքին և փոխանակ շիտակորեն ասելու՝ «Այստեղ եմ, Ինեզիլիա, պատուհանիդ տակ», սկսեց երկար ու բարակ խոսել այն մասին, թե վաղուց չի եղել Մոսկվայում և որ իր Փարիզը անհամեմատ լավն է սպիտակաքար Մոսկվայից, որը, ինչքան էլ դես ու դեն ընկնես, մնում է որպես անսիստեմ պլանավորված մեծ գյուղ։
 +
 +
― Ես հիշում եմ Մոսկվան, Ելիզավետա Պետրովնա, ոչ այսպիսին։ Հիմա ամեն բանում գձուծություն է նկատվում։ Իսկ մենք ժամանակին փող չէինք խնայում։ «Կյանքում ապրում ենք մի անգամ», այսպիսի մի երգ կա։
 +
 +
Անցան ամբողջ Պրեչիստենսկու բուլվարը և դուրս եկան առափնյա փողոցը, Փրկչի տաճարի մոտերքը։
 +
 +
Մոսկվորեցկի կամուրջից դենը ձգվում էին սևագորշ աղվեսների պոչեր։ Մոզէսի էլեկտրակայաններն էին ծխում էսկադրայի պես։ Տրամվայները գլորվելով անցնում էին կամուրջի վրայով։ Գետի վրա նավակներ էին լողում։ Թախծոտ նվագում էր հարմոնը։
 +
 +
Լիզան, Իպոլիտ Մատվեևիչի ձեռքը բռնած, պատմեց իր բոլոր դառնությունների մասին։ Ամուսնու հետ գժտվելու, ականջ դնող հարևանների՝ նախկին քիմիկոսների՝ շրջապատում դժվարին կյանքի և վեգետարյան ճաշերի միօրինակության մասին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը լսում և խորհրդածում էր։ Դևեր էին արթնանում նրա մեջ։ Հիանալի մի ընթրիք էր պատկերանում իրեն։ Նա եկավ այն եզրակացության, որ նման աղջկան որևէ բանով շշմեցնել է պետք։
 +
 +
― Գնանք թատրոն, ― առաջարկեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Լավ է կինո, ― ասաց Լիզան, ― կինոն էժան է։
 +
 +
― Օ՜, փողն ինչ գործ ունի այստեղ։ Այսպիսի գիշեր և հանկարծ ինչ֊որ փող։
 +
 +
Բոլորովին մոլեգնած դևերը, առանց սակարկելու, կառք նստեցրին զույգին և տարան կինո «Սրս»։ Իպոլիտ Մատվեևիչը հոյակապ վիճակումն էր։ Նա վերցրեց ամենաթանկ տոմսերը։ Սակայն մինչև սեանսի վերջը չհամբերեցին։ Լիզան սովոր էր նստել մոտ՝ էժանանոց տեղերում և երեսունչորսերորդ թանկանոց կարգից վատ էր տեսնում։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի գրպանումն էր Ստարգորոդի դավադիրներից կոնցեսիոներների ստացած գումարի կեսը։ Դա մեծ փող էր ճոխությունից ետ սովորած Վորոբյանինովի համար։ Այժմ, թեթև սիրո հնարավորությունից հուզված, նա պատրաստվում էր շլացնել Լիզային լայնաթափությամբ։ Նա իրեն հիանալի նախապատրաստված էր զգում դրա համար։ Նա հպարտությամբ մտաբերեց, թե մի ժամանակ ինչ հեշտությամբ նվաճեց գեղեցկուհի Ելենա Բոուրի սիրտը։ Հեշտ ու շռայլ փող ծախսելու սովորությունը հատուկ էր նրան։ Ուզածդ դամայի հետ խոսելու հմտությամբ և դաստիարակությամբ նա հռչակված էր Ստարգորոդում։ Նրան ծիծաղելի էր թվում իր ողջ հնառեժիմ շուքը մի փոքրիկ սովորական աղջկա վրա ծախսելը, մանավանդ, որ այդ աղջիկը մի կարգին բան ոչ տեսել էր, ոչ գիտեր։
 +
 +
Կարճ հորդորանքից հետո Իպոլիտ Մատվեևիչը Լիզային տարավ Մոսսպառկոոպի օրինակելի «Պրագա» ճաշարանը ― Մոսկվայի ամենալավ տեղը», ինչպես ասում էր նրան Բենդերը։
 +
 +
«Պրագան» ապշեցրեց Լիզային հայելիների, լույսի ու ծաղկամանների առատությամբ։ Լիզային դա ներելի էր․ նա դեռ երբեք չէր այցելել օրինակելի֊ցուցադրական մեծ ռեստորանները։ Բայց հայելապատ դահլիճը բոլորովին անսպասելիորեն ապշեցրեց Իպոլիտ Մատվեևիչին։ Նա ետ էր մնացել, մոռացել էր ռեստորանային կաղութաձևը։ Այժմ նա բոլորովին ամաչում էր իր քառակուսի քթով բարոնական սապոգներից, կտորներից կարած մինչպատերազմյան շալվարից և արծաթե աստղերով պատած լուսնկա ժիլետից։
 +
 +
Երկուսն էլ շփոթվեցին և քարացան բավականին խայտաբղետ հասարակության աչքերի առջև։
 +
 +
― Անցնենք այն անկյունը, ― առաջարկեց Վորոբյանինովը, թեև հենց էստրադայի մոտերքը, որտեղ նվագախումբը հերթական պոպուրին էր սղոցում «Բայադերայից», ազատ սեղաններ կային։
 +
 +
Լիզան արագ համաձայնեց, զգալով, որ բոլորը նայում են իր վրա։ Նրան շփոթված հետևեց աշխարհիկ առյուծ և կանանց նվաճող Վորոբյանինովը։ Աշխարհիկ առյուծի մաշված շալվարը պարկի պես կախվել էր նիհար հետույքից։ Կանանց նվաճողը կուչ եկավ և, որպեսզի հաղթահարի շփոթվածությունը, սկսեց տրորել պենսնեն։
 +
 +
Ոչ ոք չմոտեցավ սեղանին։ Այդ բանը չէր սպասում Իպոլիտ Մատվեևիչը։ Եվ նա, փոխանակ քաղաքավարի կերպով զրուցելու իր դամայի հետ, լուռ տանջվում էր, մոխրամանով անհամարձակ թխկթխկացնում սեղանին և անվերջ հազում։ Լիզան հետաքրքրությամբ նայում էր շուրջը, լռությունը անբնական էր դառնում։ Բայց Իպոլիտ Մատվեևիչը ոչ մի խոսք չէր կարողանում ասել։ Նա մոռացել էր, թե նման դեպքերում ինչի մասին էր միշտ խոսում։
 +
 +
― Բարի եղեք, ― կանչում էր նա կողքից սլացող ժողսննդի աշխատաողներին։
 +
 +
― Է՛ս սհաթիս, ― վազելիս բղավում էին մատուցողները։
 +
 +
― Վերջապես բերեցին ճաշաքարտը։ Իպոլիտ Մատվեևիչը թեթևություն զգալով, խորացավ նրա մեջ։
 +
 +
― Օհո՜, ― փնթփնթաց նա, ― հորթի կոտլետը՝ երկուս ու քսանհինգ, սուկին՝ երկուս ու քսանհինգ, օղին՝ հինգ ռուբլի։
 +
 +
― Հինգ ռուբլով մի մեծ գրաֆին, ― հայտնեց մատուցողը, անհամբեր շուրջը նայելով։
 +
 +
«Ի՞նչ է պատահել ինձ հետ, ― սարսափում էր Իպոլիտ Մատվեևիչը։ ― Ես ծիծաղելի եմ դառնում»։
 +
 +
― Համեցեք, խնդրեմ, ― ասաց նա Լիզային ուշացած քաղաքավարությամբ։ ― Կհաճե՞ք ընտրել։ Ի՞նչ ենք ուտելու։
 +
 +
Լիզան ամաչում էր։ Նա տեսավ, թե մատուցողը ինչ հպարտությամբ նայեց իր ուղեկցին և հասկացավ, որ նա ինչ֊որ բան տեղին չի անում։
 +
 +
― Ես իսկի ուտել չեմ ուզում, ― ասաց նա դողդոջուն ձայնով։ ― Կամ թե չէ․․․ Ասացեք, ընկեր, որևէ վեգետարյան բան չունե՞ք արդյոք։
 +
 +
Մատուցողը ձիու պես սկսեց դոփել։
 +
 +
― Վեգետարյան չենք ունենում։ Գուցե վետչինայով ձվածե՞ղ ուտեք։
 +
 +
― Այդ դեպքում ահա թե ինչ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, սիրտ անելով, ― տվեք մեզ սոսիսկի։ Դուք հո սոսիսկի կուտեք, այնպես չէ՞, Ելիզավետա Պետրովնա։
 +
 +
― Կուտեմ։
 +
 +
― Այսպես, ուրեմն։ Սոսի՛սկի։ Այ սա՝ մի ռուբլի քառասունհինգ բաժինը։ Եվ մի շիշ օղի։
 +
 +
― Գրաֆինով կլինի։
 +
 +
― Այդ դեպքում մեծ գրաֆին։
 +
 +
Ժողսննդի աշխատողը ջինջ աչքերով նայեց անօգնական Լիզային։
 +
 +
― Օղու վրա ի՞նչ եք ուտելու։ Թարմ խավիա՞ր։ Սաղմո՞ն։ Կարկանդա՞կ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի ներսում շարունակում էր փոթորկել զագսի աշխատողը։
 +
 +
― Հարկավոր չէ, ― տհաճ կոպտությամբ ասաց նա։ ― Ի՞նչ արժե թթու վարունգը։ Դե լավ, երկու հատ տվեք։
 +
 +
Մատուցողը վազեց և սեղանի շուրջը դարձյալ լռություն տիրեց։ Առաջինը խոսքը բացեց Լիզան․
 +
 +
― Ես երբեք այստեղ չեմ եղել։ Այստեղ շատ հաճելի է։
 +
 +
― Հա՜, ― ծոր տվեց Իպոլիտ Մատվեևիչը, հաշվելով պատվիրածի արժեքը։
 +
 +
«Ոչինչ, ― մտածում էր նա, ― օղի խմեմ՝ կբացվեմ։ Թե չէ, իրոք որ մի տեսակ անհարմար է»։
 +
 +
Բայց երբ օղի խմեց և վրայից վարունգ կերավ, ոչ թե բացվեց, այլ ավելի մռայլվեց։ Լիզան չէր խմում։ Լարվածությունը չէր անցնում։ Այդ դեռ քիչ էր, սեղանին մոտեցավ մի մարդ և, սիրալիր նայելով Լիզային, առաջարկեց ծաղիկներ գնել։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ձևացրեց, թե չի նկատում բեղավոր ծաղկավաճառին, բայց վերջինս չէր հեռանում։ Նրա ներկայությամբ միանգամայն անհնարին էր սիրալիր խոսք ասել։
 +
 +
Դրությունը փրկեց համերգի ծրագիրը։ Բեմ դուրս եկավ թմփլիկ մի տղամարդ՝ վիզիտկայով և լաքած տուֆլիներով։
 +
 +
― Եվ ահա մենք կրկին տեսնվեցինք ձեզ հետ, ― սանձարձակ տոնով ասաց նա հանդիսականներին։ ― Համերգային ծրագրի հետևյալ համարով հանդես կգա ռուսական ժողովրդական երգերի համաշխարհային կատարոհուղի, Մարյինա ռոշչայում լավ հայտնի Վառվառա Իվանովնա Գոդլևսկայան։ Վառվառա Իվա՛նովնա, խնդրե՛մ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը լուռ օղի էր խմում։ Քանի որ Լիզան չէր խմում և շարունակ ձգտում էր տուն գնալ, պետք էր շտապել, որպեսզի խմեր ողջ գրաֆինը։
 +
 +
Երբ բեմ դուրս եկավ Մարյինա ռոշչայում հայտնի երգչուհուն փոխարինող, թավշյա տոլստովկայով կուպլետիստը և երգեց․
 +
 +
<poem>
 +
Քայլո՛ւմ եք,
 +
Շրջում ամենուր,
 +
Ասես ձեր այդ կույրաղիքը
 +
Կուշտ կլինի ձեր քայլելուց։
 +
 +
::Քայլո՛ւմ եք,
 +
::Տա֊րա֊րա֊րա, ―
 +
</poem>
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչն արդեն կարգին հարբել էր և, օրինակելի ճաշարանի բոլոր այցելուների հետ, որոնց դեռ կես ժամ առաջ սովետական գծուծ ու բռի բանդիտներ էր համարում, տակտով ծափահարում և ձայնակցում էր․
 +
 +
<poem>
 +
Քայլո՛ւմ եք,
 +
Տա֊րա֊րա֊րա՛․․․
 +
</poem>
 +
 +
Նա հաճախ վեր էր թռչում տեղից և, առանց ներողություն խնդրելու, գնում էր զուգարան։ Հարևան սեղանները նրան արդեն քեռի էին անվանում և հրավիրում մի գավաթ գարեջուր խմելու։ Բայց նա չէր գնում։ Հանկարծ նա դարձավ հպարտ ու կասկածամիտ։ Լիզան վճռականորեն վեր կացավ սեղանից։
 +
 +
― Ես կգնամ։ Իսկ դուք մնացեք։ Ինքս տուն կհասնեմ։
 +
 +
― Չէ, ինչո՞ւ։ Որպես ազնվական չեմ կարող թույլ տալ։ Սինյո՛ր։ Հաշի՛վը։ Գյադանե՛ր․․․
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը երկար նայեց հաշվին, աթոռի վրա օրորվելով։
 +
 +
― Ինը ռուբլի քսան կոպե՞կ, ― փնթփնթում էր նա։ ― Գուցե պետք է տալ և այն սենյակի բանալի՞ն, որտեղ փող կա դրված։
 +
 +
Վերջացավ նրանով, որ Իպոլիտ Մատվեևիչին կռնատակերից զգուշությամբ բռնած իջեցրին ներքև։ Լիզան փախչել չէր կարող, որովհետև հանդերձարանի համարը բարձրաշխարհիկ առյուծի մոտ էր։
 +
 +
Հենց առաջին նրբանցքում Իպոլիտ Մատվեևիչը ուսով հենվեց Լիզային և սկսեց ձեռք գցել։ Լիզան լուռումունջ պոկվում էր նրանից։
 +
 +
― Լսեցե՛ք, ― ասում էր Լիզան։ ― Լսեցե՛ք։ Լսեցե՛ք։
 +
 +
― Գնանք համարները, ― համոզում էր Վորոբյաննինովը։
 +
 +
Լիզան զոռով ազատվեց և, առանց չափ ու ձև անելու, բռունցքով խփեց կանանց սրտերը նվաճողի քթին։ Ոսկյա աղեղով պենսնեն անմիջապես ցած գլորվեց և, ընկնելով բարոնական սապոգների քառակուսի քթի տակ, փշուր֊փշոիր եղավ։
 +
 +
<poem>
 +
Գիշերվա հովն է
 +
Գգվում երկինքը․․․
 +
</poem>
 +
 +
Լիզան արցունքները կուլ տալով, Սերեբրյաննի նրբանցքով վազեց տուն։
 +
 +
<poem>
 +
Շաչում,
 +
Փախչում է
 +
Գվադալկվիկիրը։
 +
</poem>
 +
 +
Կուրացած Իպոլիտ Մատվեևիչը մանր քայլերով անցավ դիմացի կողմը, բղավելով․
 +
 +
― Բռնի՛ր գողին։
 +
 +
Հետո երկար լաց եղավ և դեռ լաց լինելով գնեց պառավից նրա բոլոր օղաբլիթները զամբյուղի հետ միասին։ Նա դուրս եկավ Սմոլենսկու մութ և ամայի շուկան և երկար ետ ու առաջ էր քայլում, օղաբլիթները շաղ տալով, ինչպես սերմնացանն է սերմը շաղ տալիս։ Ըստ որում նա ոչ երաժշտականորեն բղավում էր․
 +
 +
<poem>
 +
Քայլո՛ւմ եք,
 +
Շրջում ամենուր,
 +
Տա֊րա֊րա֊րա՛․․․
 +
</poem>
 +
 +
Այնուհետև Իպոլիտ Մատվեևիչը մտերմացավ կառապանի հետ, բաց արեց սիրտը նրա առջև և կղկտուր պատմեց ադամանդների մասին։
 +
 +
― Ուրախ տղա է, ― բացականչեց կառապանը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը իրոք ուրախացել էր։ Ինչպես երևում է, նրա ուրախությունը փոքր֊ինչ դատապարտելի բնույթ էր կրում, որովհետև առավոտվա ժամը տասնմեկի մոտերքը նա արթնացավ միլիցիայի բաժանմունքում։ Երկու հարյուր ռուբլուց, որով նա խայտառակ կերպով սկսել էր իր վայելքների և հաճույքների գիշերը, մոտը մնացել էր միայն տասներկու ռուբլի։
 +
 +
Նրան թվում էր, թե ինքը մեռնում է։ Ցավում էր ողնաշարը, նվվում էր լյարդը, իսկ գլխին կարծես արճիճե թասակ էին հագցրել։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նա բացարձակապես չէր հիշում, թե որտեղ և ինչ կերպ կարող էր այդչափ մեծ գումարի փող ծախսել։ Տուն գնալիս ճանապարհին ստիպված եղավ մտնել ակնոցագործի մոտ և պենսնեի շրջանակի մեջ նոր ապակիներ դնել։
 +
 +
Օստապը երկար ժամանակ, զարմանքով նայում էր Իպոլիտ Մատվեևիչի ուժասպառ կերպարանքին, բայց ոչինչ չասաց։ Նա սառն էր և պատրաստ պայքարի։
 +
 +
 +
==Էկզեկուցիա==
 +
 +
 +
Աճուրդային սակարկությունը բացվում էր ժամը հնգին։ Ժամը 4֊ից քաղաքացիներին ներս էին թողնում իրերը տեսնելու։ Բարեկամները ներկայացան ժամը երեքին և մի ամբողջ ժամ դիտում էին մեքենաշինական ցուցահանդեսը, որը տեղավորված էր հենց կողքին։
 +
 +
― Ինչպես երևում է, ― ասաց Օստապը, ― մենք հենց վաղը բարի կամքի առկայության դեպքում կարող ենք գնել այս շոգեքարշիկը։ Ափսոս որ գինը չի նշանակված։ Հաճելի է այնուամենայնիվ սեփական շոգեքարշ ունենալը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հալումաշ էր լինում։ Միայն աթոռները կարող էին նրան մխիթարել։
 +
 +
Նրանցից նա հեռացավ միայն այն պահին, երբ ամբիոն բարձրացավ աճուրդավարը՝ վանդակավոր շալվարով և ռուսական կովերկոտե տոլստովկայի վրա իջած մորուքով։
 +
 +
Կոնցեսիոներները տեղ գրավեցին աջից չորրորդ կարգում։ Իպոլիտ Մատվեևիչը սկսեց խիստ հուզվել։ Նրան թվում էր, թե աթոռները հենց հիմա էլ ծախվելու են։ Բայց նրանք գրանցված էին քառասուներեք համարի տակ, և սկզբում վաճառքի դրվեցին աճուրդային սովորական մանրուքները․ տոհմական սերվիզի անջատ նմուշներ, սոուսաման, արծաթյա բաժակակալ, նկարիչ Պետունինի բնանկարը, ուլունքաշար պայուսակ, պրիմուսի բոլորովին նոր այրիչ, Նապոլեոնի կիսանդրին, քաթանե կանացի կրծքակալներ, գորգանկար՝ «Վայրի բազեի վրա կրակող որսորդ» և նման ցնդաբանություններ։
 +
 +
Ստիպված էին համբերել և սպասել։ Սպասելը շատ դժվար էր․ բոլոր աթոռները առկա էին, նպատակը մոտ էր, այն կարելի էր ձեռքով վերցնել։
 +
 +
«Համա թե մեծ իրարանցում կսկսվեր այստեղ, ― մտածեց Օստապը, շրջահայելով աճուրդային հասարակությանը, ― եթե իմանային՝ ինչ կարմիր խնձոր է վաճառվելու այս աթոռների անվան տակ»։
 +
 +
― Արդարադատություն պատկերացնող ֆիգուրա, ― ազդարարեց աճուրդավորը։ ― Բրոնզե։ Կարգին վիճակում։ Հինգ ռուբլի։ Ո՞վ ավելի։ Վեց ու կես՝ աջ, վերևում՝ յոթ։ Ութը ռուբլի՝ առաջին շարքում, դիմացը։ Երկրորդ անգամ, ութը ռուբլի՝ դիմացը։ Երրորդ անգամ՝ առաջին կարգում, դիմացը։
 +
 +
Առաջին կարգում նստած քաղաքացու մոտ անմիջապես սլացավ անդորագրով մի օրիորդ փող ստանալու։
 +
 +
Թխկթխկում էր աճուրդավորի մուրճիկը, վաճառվում էին պալատի մոխրամաններ, բակկարա ապակեղեն, ճենապակե պուդրաման։
 +
 +
Ժամանակը տանջալից կերպով երկար էր տևում։
 +
 +
― Ալեքսանդր երրորդի բրոնզե կիսանդրին։ Կարող է ծառայել իբրև պրեսպապյե։ Ուրիշ ոչ մի բանի պետք չէ։ Ալեքսանդր երրորդի կիսանդրին գնում է առաջարկած գնով։
 +
 +
― Դահլիճում ծիծաղեցին։
 +
 +
― Գնեցե՛ք, պարագլուխ, ― խայթեց Օստապը, ― կարծեմ դուք սիրում եք։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը աչք չէր հեռացնում աթոռներից և լուռ էր։
 +
 +
― Ցանկացողներ չկա՞ն։ Աճուրդից հանվում է Ալեքսանդր երրորդի կիսանդրին։ Արդարադատություն պատկերող ֆիգո՛ւրա։ Ասես հենց նոր գնածի գույն է։ Վասի՛լի, հասարակությանը ցույց տվեք «Արդարադատությունը»։ Հինգ ռուբլի։ Ո՞վ ավելին։
 +
 +
Առաջին շարքում դիմացը ֆսֆսոց լսվեց։ Ինչպես երևում է, քաղաքացին կամենում էր «Արդարադատությունն ունենալ լրիվ կազմով։
 +
 +
― Հինգ ռուբլի՝ բրոնզե «Արդարադատությունը»։
 +
 +
― Վե՛ց, ― հստակ արտասանեց քաղաքացին։
 +
 +
― Վեց ռուբլի դիմացը։ Յո՛թ։ Ի՛նը ռուբլի՝ վերջում աջ։
 +
 +
― Իննուկես, ― կամացուկ ասաց «Արդարադատության» սիրահարը, ձեռքը բարձրացնելով։
 +
 +
― Իննուկես՝ դիմացը։ Երկրորդ անգամ, իննուկես՝ դիմացը։ Երրորդ անգամ, իննուկես։
 +
 +
Մուրճիկը իջավ։ Առաջին կարգի քաղաքացու վրա սլացավ օրիորդը։
 +
 +
Նա վճարեց և անցավ մյուս սենյակը իր բրոնզը ստանալու։
 +
 +
― Տասը աթոռ պալատից, ― ասաց հանկարծ աճուրդավարը։
 +
 +
― Ինչո՞ւ պալատից, ― կամացուկ ախ քաշեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Օստապը բարկացավ․
 +
 +
― Ա՜յ գրողի ծոցն անցնեք դուք։ Լսեցեք և մեջ մի ընկնեք։
 +
 +
― Տասը աթոռ պալատից։ Կաղնե՛։ Ալեքսանդր երկրորդի էպոխան։ Կարգին վիճակում։ Հաբսի կահույքի արհեստանոցի աշխատանքը։ Վասի՛լի, աթոռներից մեկը դրեք ռեֆլեկտորի տակ։
 +
 +
Վասիլին այնպես կոպիտ կերպով քաշ տվեց աթոռը, որ Իպոլիտ Մատվեևիչը տեղից վեր ցատկեց։
 +
 +
― Նստե՛ք էլի, ապուշի մեկը, ինչ փորձանք էր կապվեց իմ գլխին, ― ֆշշաց Օստապը։ ― Նստե՛ք, ասում եմ ձեզ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի ներքին ծնոտը շարժվում էր։ Օստապը ոտքի կանգնեց։ Նրա աչքերը պայծառացան։
 +
 +
― Տասը աթոռ կաղնե։ Ութսուն ռուբլի։
 +
 +
Դահլիճն աշխուժացավ։ Տնտեսության մեջ պիտանի բան էր ծախվում։ Օստապը հանգիստ էր։
 +
 +
― Բա ինչո՞ւ չեք սակարկում, ― հարձակվեց նրա վրա Վորոբյանինովը։
 +
 +
― Դո՛ւրս կորիր, ― պատասխանեց Օստապը, ատամները սեղմելով։
 +
 +
― Հարյուր քսան ռուբլի ետևում։ Հարյուր երեսունհինգ, նույն տեղում։ Հարյուր քառասուն։
 +
 +
Օստապը հանգիստ շուռ եկավ մեջքով դեպի ամբիոնը և քմծիծաղով սկսեց տնտղել իր մրցակիցներին։
 +
 +
Աճուրդի թեժ ժամանակն էր։ Ազատ տեղեր արդեն չկային։ Հենց Օստապի ետևում մի դամա, ամուսնու հետ բանակցելուց հետո, գայթակղվեց աթոռներով («Հրաշալի կիսաբազկաթոռներ են։ Հիանալի՜ աշխատանք։ Սա՛նյա։ Ախր պալատից են») և ձեռքը բարձրացրեց։
 +
 +
― Հարյուր քառասունհինգ, հինգերորդ կարգում աջ։ Մե՛կ։
 +
 +
Դահլիճը սսկեց։ Չափից դուրս թանկ է։
 +
 +
― Հարյուր քառասունհինգ։ Երկո՛ւ։
 +
 +
Օստապը սառնասիրտ դիտում էր ծեփածո քիվը։ Իպոլիտ Մատվեևիչը նստել էր գլխահակ և ցնցվում էր։
 +
 +
― Հարյուր քառասունհինգ։ Երե՛ք։
 +
 +
Բայց նախքան սև լաքած մուրճիկի ֆաներե ամբիոնին դիպչելը, Օստապը շուռ եկավ, ձեռքը վեր նետեց և ցածրաձայն ասաց․
 +
 +
― Երկու հայրյուր։
 +
 +
Բոլոր գլուխները շուռ եկան կոնցեսիոներների կողմը։ Շարժման մեջ դրվեցին ֆուրաժկաները, կեպիները, կարտուզները և շլյապաները։ Աճուրդավարը բարձրացրեց տխուր դեմքը և նայեց Օստապին։
 +
 +
― Երկու հարյուր՝ մեկ, ― ասաց նա, ― երկու հարյուր, չորրորդ կարգում՝ աջ, երկու։ Ուրիշ սակարկողներ չկա՞ն։ Երկու հարյուր, պալատկան կաղնե գարնիտուր տասը կտորից։ Երկու հարյուր՝ երեք, չորրորդ կարգում՝ աջ։
 +
 +
― Հը, նախագահ, էֆեկտո՞վ է, ― հարցրեց Օստապը։ ― Հետաքրքիր է, ի՞նչ էիք անելու դուք առանց տեխնիկական ղեկավարի։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը երջանիկ շունչ քաշեց։ Նրանց մոտ վարգով մոտենում էր օրիորդը։
 +
 +
― Դո՞ւք գնեցիք աթոռները։
 +
 +
― Մե՛նք, ― բացականչեց երկար ժամանակ իրեն զսպած Իպոլիտ Մատվեևիչը։ ― Մենք, մենք։ Ե՞րբ կարելի կլինի վերցնել։
 +
 +
― Ե՛րբ ուզում եք։ Թեկուզ հենց հիմա։
 +
 +
«Քայլում եք, շրջում ամենուր» եղանակը կատաղիորեն ցատկոտում էր Իպոլիտ Մատվեևիչի գլխում։ «Մեր աթոռները, մերը, մերը, մերը»։ Այդ մասին էր բղավում նրա ողջ օրգանիզմը։ «Մե՜րը», գոչում էր լյարդը։ «Մե՜րը», հաստատում էր կույր աղիքը։
 +
 +
Նա այնպես ուրախացավ, որ մարմնի ամենաանսպասելի տեղերում զարկերակներ հայտնաբերվեցին։ Ամեն ինչ թրթռում էր, օրորվում և ճարճատում՝ անասելի երջանկության ճնշման տակ։ Երևալ սկսեց Սեն֊Գոթարդին մոտեցող գնացքը։ Վերջին վագոնի բաց հարթակի վրա կանգնել էր Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը սպիտակ շալվարով և սիգար էր ծխում։ Ծաղիկները մեղմ թափվում էին նրա գլխին, որը կրկին զարդարվել էր ալյումինի փայլուն ալեհերությամբ։ Նա գնում էր Եդեմ։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ երկու հարյուր երեսուն և ոչ թե երկու հարյուր, ― լսեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Այդ ասում էր Օստապը, անդորագիրը ձեռքին պտտեցնելով։
 +
 +
― Տասնհինգ տոկոս կոմիսյոն տուրք է վարձվում, ― պատասխանեց օրիորդը։
 +
 +
― Է՛հ, ինչ արած։ Վերցրե՛ք։
 +
 +
Օստապը հանեց դրամապանակը, հաշվեց երկու հարյուր ռուբլի և շուռ եկավ դեպի ձեռնարկության գլխավոր դիրեկտորը։
 +
 +
― Մի երեսուն ռուբլի ցնծա, սիրունիկս, բայց արագ․ չե՞ք տեսնում՝ օրիորդը սպասում է։ Դե՞։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը փող հանելու ոչ մի փորձ չարեց։ Դե՞։ Ինչ եք նայում ինձ, ինչպես զինվորը ոջիլին։ Շշմե՞լ եք երջանկությունից։
 +
 +
― Ես փող չունեմ, ― փնթփնթաց, վերջապես, Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Ով չունի՞, ― հարցրեց Օստապը շատ կամաց։
 +
 +
― Ես։
 +
 +
― Բա երկու հարյուր ռուբլի՞ն։
 +
 +
― Ես․․․ ը֊ը֊ը֊․․․ կորցրդել եմ։
 +
 +
Օստապը նայեց Վորոբյանինովին, արագ գնահատեց նրա դեմքի թոշնածությունը, այտերի կանաչությունը և աչքատակերի ուռած պարկերը։
 +
 +
― Փո՛ղ տվեք, ― շշնջաց նա ատելությամբ։ ― Քավթա՛ռ սրիկա։
 +
 +
― Վճարելո՞ւ եք, թե չէ, ― հարցրեց օրիորդը։
 +
 +
― Մի րոպե, ― ասաց Օստապը, հմայիչ ժպիտով, ― մի փոքրիկ արգելք։
 +
 +
Դեռ մի փոքրիկ հույս էլ կար։ Կարելի էր համոզել, որ մի քիչ սպասեն փողին։
 +
 +
Այդ պահին սթափված Իպոլիտ Մատվեևիչը, թուքը շաղ տալով, ներխուժեց խոսակցության մեջ։
 +
 +
― Թո՛ւյլ տվեք, ― վայնասուն բարձրացրեց նա։ ― Կոմիսիոն տուրքն ինչի՞ համար է։ Մենք ոչինչ չգիտենք այդ տուրքի մասին։ Պետք էր զգուշացնել։ Ես հրաժարվում եմ վճարել այդ երեսուն ռուբլին։
 +
 +
― Լավ, ― հեզությամբ ասաց օրիորդը, ― ես հիմա ամեն ինչ կսարքեմ։
 +
 +
Անդորագիրը վերցնելով, նա սլացավ աճուրդավարի մոտ և մի քանի խոսք ասաց նրան։ Աճուրդավարն իսկույն ոտքի ելավ։ Նրա մորուքը փայլում էր էլեկտրական լամպերի ուժեղ լույսի տակ։
 +
 +
― Աճուրդային սակարկության կանոններով, ― զրնգուն ձայնով հայտարարեց նա, ― այն անձը, որ հրաժարվում է վճարել գնած առարկայի լրիվ գումարը, պետք է թողնի դահլիճը։ Աթոռների աճուրդը անվավեր է համարվում։
 +
 +
Ապշած բարեկամները նստել էին անշարժ։
 +
 +
― Դո՛ւրս համեցեք, խնդրեմ, ― ասաց աճուրդավարը։
 +
 +
Էֆեկտը մեծ էր։ Հասարակության մեջ չարախնդորեն ծիծաղում էին։ Օստապն այնուամենայնիվ չէր վեր կենում։ Վաղուց նա այդպիսի հարված չէր ստացել։
 +
 +
― Համեցե՜ք, խնդրե՜մ։
 +
 +
Աճուրդավարը երգում էր առարկություն չվերցնող ձայնով։
 +
 +
Դահլիճում ծիծաղն ուժեղացավ։
 +
 +
Եվ նրանք գնացին։ Աճուրդային դահլիճից շատ քչերն էին հեռանում այդպես դառն զգացմունքով։ Առաջինը գնաց Վորոբյանինովը։ Ոսկրոտ ուղիղ ուսերը կռացրած, կարճացած պիջակով և բարոնային տխմար սապգներով, նա քայլում էր կռունկի պես, իր ետևում զգալով մեծ կոմբինատորի ջերմ, մտերմական հայացքը։
 +
 +
Կոնցեսիոներները կանգ առան աճուրդային դահլիճի հարևան սենյակում։ Այժմ նրանք կարող էին աճուրդին նայել միայն ապակեպատ դռան միջով։ Այնտեղ տանող ուղին արդեն փակ էր նրանց առջև։ Օստապը բարեկամաբար լռում էր։
 +
 +
― Զայրացուցիչ կարգուկանոններ են, ― վախվխելով փնթփնթաց Իպոլիտ Մատվեևիչը, ― կատարյալ խայտառակություն։ Պետք է բողոքել միլիցիային։
 +
 +
Օստապը լուռ էր։
 +
 +
― Չե, իսկապես, սատանան գիտե, ինչ բան է սա, ― շարունակում էր տաքանալ Վորոբյանինովը։ ― Երեք տակ պլոկում են աշխատավորներին։ Աստված վկա․․․ Ինչ֊որ բանեցրած աթոռների համար երկու հարյուր երեսուն ռուբլի։ Գժվել կարելի է․․․
 +
 +
― Հա, ― անտարբեր ասաց Օստապը։
 +
 +
― Այնպես չէ՞, ― հարցրեց Վորոբյանինովը։ ― Գժվել կարելի է։
 +
 +
― Կարելի է։
 +
 +
Օստապը կիպ մոտեցավ Վորոբյանինովին և, չորս կողմը նայելուց հետո, մի կարճ, ուժեղ և կողմնակի աչքի համար աննկատելի հարված հասցրեց պարագլխի կողին։
 +
 +
― Ահա՛ քեզ միլիցիա։ Ահա՛ քեզ աթոռների թանկություն բոլոր երկրների աշխատավորության համար։ Ահա՛ քեզ գիշերային զբոսանքներ աղջիկների հետ։ Ահա՛ քեզ մորուքի սպիտակություն։ Ահա՛ քեզ ջահելի կատաղություն։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը էկզեկուցիայի ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի ծպտուն չհանեց։
 +
 +
Կողքից նայողին կարող էր թվալ, թե հարգող որդին խոսում է հոր հետ, միայն թե հայրը շատ աշխուժորեն թափահարում է գլուխը։
 +
 +
― Դե, հիմա կորի՛ր։
 +
 +
Օստապը մեջքը շուռ տվեց ձեռնարկության դիրեկտորին և սկսեց դիտել աճուրդային դահլիճը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը դեռ կանգնած էր ետևում, ձեռքերը կողքին ձգված։
 +
 +
― Ախ, դուք դեռ այստե՞ղ եք, հասարակության հոգին։ Կորի՛ր։ Դե՞։
 +
 +
― Ըն֊կե՜ր Բենդեր, ― աղերսում էր Վորոբյանինովը։ ― Ընկեր Բենդեր։
 +
 +
― Գնա՛, գնա՛։ Իվանոպուլոյի մոտ էլ չգաս։ Կվռնդեմ։
 +
 +
― Ըն֊կե՜ր Բենդեր։
 +
 +
Օստապն այլևս ետ չնայեց։ Դահլիճում տեղի ունեցավ մի բան, որն այնպես հետաքրքրեց Բենդերին, որ նա դուռը կիսով չափ բացեց և սկսեց ականջ դնել։
 +
 +
― Ամեն ինչ կորավ, ― փնթփնթաց նա։
 +
 +
― Ի՞նչը կորավ, ― քծնանքով հարցրեց Վորոբյանինովը։
 +
 +
― Աթոռներն առանձին֊առանձին են ծախում, ահա թե ինչ։ Գուցե կուզենայիք ձե՞ռք բերել։ Խնդրեմ։ Ես ձեզ չեմ պահում։ Միայն կասկածում եմ, թե ձեզ ներս կթողնեն։ Ասենք կարծեմ փող էլ էնքան չունեք։
 +
 +
Այդ միջոցին աճուրդային դահլիճում տեղի էր ունենում հետևյալը․ աճուրդավարը, զգալով, որ դժվար կլինի հասարակությունից մեկից երկու հարյուր ռուբլի դուրս քաշել (բավականաչափ խոշոր գումար է դահլիճում մնացած մանրուքի համար), որոշեց կտոր֊կտոր ստանալ այդ երկու հարյուր ռուբլին։ Աթոռները նորից աճուրդի դրվեցին, բայց արդեն մաս֊մաս։
 +
 +
― Չո՛րս աթոռ պալատից։ Կաղնե՛։ Փափո՛ւկ։ Հաբսի աշխատանքը։ Երեսուն ռուբլի։ Ո՞վ ավելին։
 +
 +
Օստապին արագ վերադարձավ նրա ամբողջ վճռականությունը և սառնարյունությունը։
 +
 +
― Է՛յ, դուք, կանանց սիրելին, կանգնեցեք այստեղ և ոչ մի տեղ մի գնացեք։ Ես հինգ րոպեից կգամ։ Իսկ դուք այստեղ նայեք, թե ինչն ինչոց է։ Ոչ մի աթոռ բաց չթողնեք։
 +
 +
Բենդերի գլխում անմիջապես հասունացավ մի պլան, որը միակ հնարավոր պլանն էր այն ծանր պայմաններում, որի մեջ ընկել էին։
 +
 +
Նա դուրս վազեց Պետրովկա, քայլերն ուղղեց դեպի մոտակա ասֆալտի չանը և գործնական բանակցությունների մեջ մտավ խուժանների հետ։
 +
 +
Նա, ինչպես և խոստացել էր, հինգ րոպե անց վերադարձավ Իպոլիտ Մատվեևիչի մոտ։ Խուժանները պատրաստ կանգնած էին աճուրդի մուտքի մոտ։
 +
 +
― Ծախում են, ծախում, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը, արդեն ծախեցին չորս մեկ, երկուս մեկ։
 +
 +
― Այդ ձեր սարքած օյիններն էին, ― ասաց Օստապը, ― ուրախացե՛ք։ Ամեն բան մեր ձեռքումն էր, հասկանում եք, մեր ձեռքում։ Կարո՞ղ եք արդյոք հասկանալ այդ։
 +
 +
Դահլիճում լսվեց ճռճռան մի ձայն, որով բնությունը օժտել է միայն աճուրդավարներին, կրուպյեներին և ապակեգործներին։
 +
 +
― Տասուկեսով ― ձախ։ Երե՛ք։ Եվս մի աթոռ պալատից։ Կաղնե։ Կարգին վիճակում։ Տասուկես՝ դիմացը։ Մեկ ― տասուկես՝ դիմացը։
 +
 +
Երեք աթոռ ծախվեցին մեկ֊մեկ։ Աճուրդավարը վաճառքի հանեց վերջին աթոռը։ Կատաղությունը խեղդում էր Օստապին։ Նա կրկին հարձակվեց Վորոբյանինովի վրա։ Նրա վիրավորական նկատողությունները լի էին դառնությամբ։ Ո՜վ գիտե, ուր կհասներ Օստապը իր երգիծական վարժություններով, եթե նրան չընդհատեր արագ մոտեցող մի տղամարդ՝ Լոձի դարչնագույն կոստյումով։ Նա թափահարում էր թմփլիկ մատները, կռանում, թռչում և ետ էր ցատկում, ասես թենիս էր խաղում։
 +
 +
― Բայց ասացեք, ― հապշտապ հարցնում էր նա Օստապին, ― այստեղ իսկապե՞ս աճուրդ է։ Այո՞։ Աճո՞ւրդ։ Եվ այստեղ, իսկապե՞ս, իրեր են վաճառում։ Հիանալի՜ է։
 +
 +
Անծանոթը ետ ցատկեց և նրա դեմքը պայծառացավ բազում ժպիտներով։
 +
 +
― Հենց այստեղ իսկապես իրե՞ր են ծախում։ Եվ իսկապե՜ս կարելի է էժան գնել։ Բա՜րձր դաս։ Շա՜տ, շա՜տ․․․ Ա՛խ․․․
 +
 +
Անծանոթը, հաստ ազդրերը խաղացնելով, շշկլած կոնցեսիոներների կողքով սլացավ դահլիճ և այնպես արագ գնեց վերջին աթոռը, որ Վորոբյանինովը միայն կռնչաց։ Անծանոթը անդորագիրը ձեռքին վազեց դեպի բացթողման վաճառասեղանը։
 +
 +
― Իսկ ասացեք, աթոռը հենց հիմա կարելի՞ է վերցնել։ Հիանալի է․․․ Ա՛խ․․․ Ա՛խ․․․
 +
 +
Անընդհատ մկկալով և շարունակ շարժման մեջ, անծանոթը աթոռը բեռնեց կառքին և քշեց։ Նրա հետքերով վազում էր մի խուժան։
 +
 +
Կամաց֊կամաց ցրվեցին և իրենց տները գնացին աթոռների նորանոր սեփականատերերը։ Նրանց հետևից սլանում էին Օստապի անչափահաս գործակալները։ Գնաց և ինքը։ Իպոլիտ Մատվեևիչը վախվխելով գնում էր նրա ետևից։ Այսօրվա օրը նրան երազ էր թվում։ Ամեն ինչ տեղի ունեցավ արագ և բնավ ոչ այնպես, ինչպես սպասվում էր։
 +
 +
Սիվցև֊Վրաժկայում դաշնամուրները, մանդոլինաները և հարմոնները գարնան տոնախմբություն էին կատարում։ Լուսամուտները բաց էին։ Պատուհանների գոգերը լցվել էին ծաղկամաններով։ Մի հաստ մարդ, մազոտ կուրծքը բաց արած, շալվարակալով, կանգնել էր պատուհանի մոտ և կրքոտությամբ երգում էր։ Պատի երկարությամբ դանդաղ անցնում էր կատուն։ Պարենային կրպակներում բոցկլտում էին նավթի լամպերը։
 +
 +
Վարդագույն տնակի առջև անցուդարձ էր անում Կոլյան։ Տեսնելով առջևից եկող Օստապին, նա քաղաքավարի կերպով բարևեց և մոտեցավ Վորոբյանինովին։ Իպոլիտ Մատվեևիչը սրտանց ողջունեց։ Սակայն Կոլյան ժամանակ չկորցրեց։
 +
 +
― Բարի երեկո, ― վճռականորեն ասաց նա և, ինքն իրեն զսպելու կարողություն չունենալով, մի լավ հասցրեց Իպոլիտ Մատվեևիչի ականջին։
 +
 +
Դրա հետ միաժամանակ Կոլյան, այդ տեսարանին ականատես Օստապի կարծիքով, արտասանեց բավականին տարօրինակ մի ֆրազ․
 +
 +
― Այդպես կլինի բոլորի հետ, ― ասաց Կոլյան մանկական ձայնով, ― ովքեր փորձ կանեն․․․
 +
 +
Թե ինչ փորձ կանեն, Կոլյան այդպես էլ չասաց։ Նա բարձրացավ թաթերի վրա և, աչքերը փակելով, շրխկացրեց Վորոբյանինովի թշին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը բարձրացրեց արմունկը, բայց չհամարձակվեց նույնիսկ մի ծպտուն հանել։
 +
 +
― Ճի՛շտ է, ― ասում էր Օստապը, ― իսկ հիմա՝ վզակոթի՛ն։ Երկու անգամ։ Այդպե՜ս։ Ի՛նչ արած։ Երբեմն ձվերը ստիպված են լինում սովորեցնել չափն անցկացրած հավին․․․ Մի անգամ էլ․․․ Այդպե՛ս։ Մի՛ քաշվեք։ Գլխին այլևս մի խփեք։ Դա նրա ամենաթույլ տեղն է։
 +
 +
Եթե Ստարգորոդի դավադիրները մտքի գիգանտին և ռուս դեմոկրատիայի հորը տեսնեին նրա համար կրիտիկական այդ մոմենտին, ապա, պետք է ենթադրել, որ «Սրի ու խոփի» գաղտնի միությունը կդադարեր իր գոյությունը։
 +
 +
― Դե՛, կարծես բավական է, ― ասաց Կոլյան, ձեռքը գրպանը կոխելով։
 +
 +
― Մի անգամ էլ, ― աղերսում էր Օստապը։
 +
 +
― Թող կորչի գնա։ Մյուս անգամ կիմանա։
 +
 +
Կոլյան գնաց։ Օստապը բարձրացավ Իվանոպուլոյի մոտ և նայեց ներքև։ Իպոլիտ Մատվեևիչը կանգնել էր տնից առիշեղ, դեսպանատան չուգունե ցանկապատին հենված։
 +
 +
― Քաղաքացի՛ Միխելսոն, ― բղավեց Օստապը։ ― Կոնրա՛դ Կարլովիչ։ Ներս մտեք շենքը։ Ես թույլատրում եմ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը սենյակ մտավ փոքր֊ինչ աշխուժացած։
 +
 +
― Չլսվա՛ծ լրբություն, ― ասաց նա զայրույթով։ ― Ես հազիվ ինձ զսպեցի։
 +
 +
― Ա՛յ֊ա՛յ֊ ա՛յ, ― ցավակցեց Օստապը, ― ի՜նչ ջահելներ են հիմա հա՜։ Սարսափելի երիտասարդություն է։ Հետապնդում է ուրիշների կանանց։ Վատնում է ուրիշի փողերը․․․ Կատարյալ անկում։ Իսկ ասացեք, երբ գլխին խփում են, իսկապե՞ս ցավում է։
 +
 +
― Ես նրան մենամարտի կհրավիրեմ։
 +
 +
― Հիանալի է։ Կարող եմ ձեզ հանձնարարել իմ լավ ծանոթին։ Անգիր գիտե մենամարտի օրենսգիրքը և ունի երկու ցախավել, որոնք միանգամայն պիտանի են մահու և կենաց պայքարի համար։ Սեկունդանտ կարելի է վերցնել Իվանոպուլոյին և աջակողմյան հարևանին։ Նա Կոլոգրիվ քաղաքի պատվավոր քաղաքացին է և մինչև օրս պարծենում է իր այդ տիտղոսով։ Բայց կարելի է մենամարտի դուրս գալ մսաղաց մեքենաներով՝ դա ավելի պերճաշուք է։ Յուրաքանչյուր վերքը անշուշտ մահացու կլինի։ Պարտված հակառակորդը մեխանիկորեն վերածվում է կոտլետի։ Դա ձեզ գոհացնո՞ւմ է, պարագլուխ։
 +
 +
Այդ պահին փողոցից սուլոց լսվեց, և Օստապը իջավ ներքև ագենտուրային տեղեկություններ ստանալու խուժաններից։
 +
 +
Խուժանները հիանալի կատարեցին իրենց վրա դրված հանձնարարությունը։ Չորս աթոռ ձեռք էր բերել Կոլումբի թատրոնը։ Անապաստանը մանրամասն պատմեց, թե ինչպես այդ աթոռները տարան սայլակով, ինչպես իջեցրին և տարան շենքը՝ արտիստական մուտքով։ Թատրոնի գտնվելու վայրը լավ ծանոթ էր Օստապին։
 +
 +
Երկու աթոռ տարել են կառքով, ինչպես ասաց մյուս պատանի հետախույզը՝ «շիկ֊չմարան»։ Տղան, ինչպես երևում է, աչքի չէր ընկնում մեծ ընդունակություններով։ Վարսոնոֆևի նրբանցքը, ուր տարել էին աթոռները, նա գիտեր, նույնիսկ հիշում էր, որ բնակարանի համարը տասնյոթն է, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հիշել տան համարը։
 +
 +
― Շատ արագ էի վազում, ― ասաց խուժանը, ― գլխիցս թռավ։
 +
 +
― Փող չես ստանա, ― հայտնեց վարձողը։
 +
 +
― Քեռի ջան․․․ Ես քեզ շանց կտամ։
 +
 +
― Լավ։ Մնա։ Միասին կգնանք։
 +
 +
Բանից դուրս եկավ, որ մկկացող քաղաքացին ապրում էր Սադովա֊Սպասսկայա փողոցի վրա։ Նրա ճշգրիտ հասցեն Օստապը գրի առավ ծողատետրում։
 +
 +
Ութերորդ աթոռը գնացել էր Ժողովուրդների տուն։ Այդ աթոռին հետապնդող տղան ծակամուտ դուրս եկավ։ Հաղթահարելով պարետության տիպի արգելքները և բազմաթիվ ցրիչներին, նա թափանցեց տուն և համոզվեց, որ աթոռը գնել է «Հաստոց»֊ի խմբաագրության տնտսեվարը։
 +
 +
Տղաներից երկուսը դեռ չէին եկել։ Նրանք վազելով եկան գրեթե միաժամանակ, շնչասպառ և հոգնած։
 +
 +
― Կազարմեննի նրբանցք, Չիստիե Պրուդի։
 +
 +
― Համա՞րը։
 +
 +
― Ինը։ Բնակարանն էլ ինը։ Էնտեղ կողքին թաթարներ են ապրում։ Բակումը։ Աթոռը հենց նրան էլ տարա։ Ոտքով էինք գնում։
 +
 +
Վերջին սուրհանդակը տխուր լուր բերեց։ Սկզբում ամեն ինչ լավ էր գնում, բայց հետո վատացավ։ Գնորդը իր աթոռով մտավ Հոկտեմբերյան կայարանի ապրանքային բակը և ոչ մի կերպ հնարավոր չէր նրա ետևից խցկվել ― դարբասի առջև կանգնած էին ՃՀԺԿ ― ՕՎՕ֊ի հրաձիգները։
 +
 +
― Վայթե մեկնեց, ― վերջացրեց խուժանը իր զեկուցումը։
 +
 +
Դա շատ անհանգստացրեց Օստապին։ Պարգևատրելով արքայավարի՝ սուրհանդակին մեկ ռուբլի, չհաշված Վարսոնոֆևի նրբանցքի լրաբերին, որը մոռացել էր տան համարը (նրան ասվել էր, որ մյուս օրը մի քիչ վաղ գա), ― տեխնիկական դիրեկտորը տուն վերադարձավ և, խայտառակված վարչության նախագահի հարցուփորձերին չպատասխանելով, ձեռնամուխ եղավ կոմբինացիաներ սարքելուն։
 +
 +
― Դեռ ոչինչ կորած չէ։ Հասցեները հայտնի են, իսկ աթոռները ձեռք բերելու համար բազում փորձված ու հին եղանակներ կան․ 1) հասարակ ծանոթություն, 2) սիրային ինտրիգա, 3) ծանոթություն կոտրանքով, 4) փոխանակություն և 5) փող։ Վերջինս ամենից հաստատուն է։ Բայց փող քիչ կա։
 +
 +
Օստապը հեգնանքով նայեց Իպոլիտ Մատվեևիչին։ Մեծ կոմբինատորին վերադարձան մտքի սովորական թարմությունը և հոգեկան հավասարակշռությունը Փող, իհարկե, կարելի է ճարել։ Պահեստում կան․ «Բոլշևիկները նամակ են գրում Չեմբեռլենին»․ նկարը, թեյքամիչը և բազմակնոջ կարիերան շարունակելու լիակատար հնարավորությունը։
 +
 +
Անհանգստացնում էր միայն տասներորդ աթոռը։ Հետքն, իհարկե, կար, բայց ինչպիսի՜ հետք՝ աղոտ ու մշուշապատ։
 +
 +
― Է՛հ, ինչ արած, ― ասաց Օստապը բարձրաձայն։ ― Այդ շանսերով բռնել կարելի է։ Խաղում եմ ինը մեկի դիմաց։ Նիստը շարունակվում է։ Լսո՞ւմ եք։ Դո՛ւք։ Երդվյալ ատենակալ։
 +
 +
 +
==Մարդակեր Էլլոչկան==
 +
 +
 +
Հետազոտողների հաշվարկումներով Վիլյամ Շեքսպիրի բառարանը բաղկացած է 12000 բառից։ Մարդակեր «Մումբո֊Յումբո ցեղի նեգրի բառապաշարը կազմում է 300 բառ։
 +
 +
Էլոչկա Շչուկինան հեշտ ու հանգիստ յոլա է գնում երեսուն բառով։
 +
 +
Ահա այն բառերը, ֆրազներն ու ձայնարկությունները, որ նա բծախնդրորեն ընտրել է ռուս մեծ, բազմաբառ և հզոր լեզվից․
 +
 +
1.Գյադայություն եք անում։
 +
 +
2. Խո՛֊խո՛։ (Արտահայտում է նայած հանգամանքներին՝ հեգնանք, զարմանք, հիացմունք, ատելություն, ուրախություն, արհամարհանք և գոհունակություն)։
 +
 +
3. Նշանավոր է։
 +
 +
4. Մռայլ։ (Ամեն բանի վերաբերյալ։ Օրինակ․ «մռայլ Պետյան եկավ», «մռայլ եղանակ», «մռայլ դեպք», «մռայլ կատու» և այլն)։
 +
 +
5. Խավար։
 +
 +
6. Սարսափ։ (Սարսափելի։ Օրինակ, բարի ծանոթի հանդիպելիս․ «սարսափելի հանդիպում»)։
 +
 +
7. Ա՛յ տղա։ (Բոլոր ծանոթ տղամարդկանց վերաբերյալ, անկախ տարիքից և հասարակական դիրքից)։
 +
 +
8. Մի սովորեցրեք ինձ ապրել։
 +
 +
9. Ինչպես երեխայի։ (Ես նրան խփում եմ, ինչպես երեխայի» ― թուղթ խաղալիս։ «Ես նրան կտրեցի, ինչպես երեխայի», ― ըստ երևույթին, պատասխանատու վարձակալի հետ խոսելիս)։
 +
 +
10. Լազա՜թ։
 +
 +
11. Հաստ ու սիրուն։ (Գործածվում է որպես անշունչ և շնչավոր առարկաների բնութագիր)։
 +
 +
12. Գնանք կառքով։ (Սսվում է ամուսնուն։)
 +
 +
13. Գնանք տաքսոով։ (Արական սեռի ծանոթներին)։
 +
 +
14. Ձեր մեջքն ամբողջովին սպիտակ է։ (Կատակ)։
 +
 +
15. Դրա՜ն մի տես։
 +
 +
16. Ուլյա։ (Անունների փաղաքշական վերջավորություն։ Օրինակ․ Միշուլյա, Զինուլյա)։
 +
 +
 +
 +
17. Օհո՛։ (Հեգնանք, զարմանք, հիացմունք, ատելություն, ուրախություն, արհամարհանք և գոհունակություն)։
 +
 +
Մնացած շատ չնչին քանակությամբ բառերը ծառայում էին որպես հաղորդիչ օղակ Էլլոչկայի և ունիվերսալ խանութների գործակատարների միջև։
 +
 +
Եթե նայելու լինենք Էլլոչկա Շչուկինայի լուսանկարներին, որ կախված են իր ամուսնու՝ ինժեներ Էռնեստ Պավլովիչ Շչուկինի անկողնի վերևում (մեկը՝ անֆաս, մյուսը՝ պրոֆիլ), ապա դժվար չէ նկատել հաճելի բարձրության ու ցցունության ճակատը, մեծ, խոնավ աչքերը, Մոսկվայի նահանգում ամենահաճելի քթիկը և տուշով նկարած, փոքրիկ խալ ունեցող կզակը։
 +
 +
Էլլոչկայի հասակը շոյում էր տղամարդկանց։ Նա շատ պստլիկ էր և նույնիսկ ամենաքոսոտ տղամարդիկ նրա կողքին մեծ ու զորեղ այրեր էին երևում։
 +
 +
Ինչ վերաբերում է առնաձնահատուկ նշաններին, ապա այդպիսիք չկային։ Էլոչկան դրա կարիքը չէր զգում։ Նա գեղեցիկ էր։
 +
 +
Էլոչկայի համար վիրավորական էին այն երկու հարյուր ռուբլիները, որ ամուսինը ամեն ամիս ստանում էր «Էլեկտրլյուստրա» գործարանում։ Դրանք ոչ մի կերպ չէին օգնում վիթխարի այն պայքարին, որ Էլլոչկան ահա չորս տարի է մղում էր, սկսած այն օրից, երբ գրավեց տնային տնտեսուհու՝ Շչուկինի կնոջ դիրքը։ Պայքարն ընթանում էր ուժերի կատարյալ լարվածությամբ։ Նա կլանում էր բոլոր ռեսուրսները։ Էռնեստ Պավլովիչը իրիկվա աշխատանք էր վերցնում տանը կատարելու, հրաժարվեց սպասավորից, ինքն էր վառում պրիմուսը, աղբը թափում և նույնիսկ կոտլետ էր տապակում։
 +
 +
Բայց այդ ամենը ապարդյուն։ Վտանգավոր թշնամին տարեցտարի գնալով ավելի շատ էր քայքայում տնտեսությունը։ Էլլոչկան չորս տարի առաջ նկատեց, որ ինքը օվկիանոսից դենը ախոյան ունի։ Դժբախտությունը Էլլոչկային այցելեց այն ուրախ երեկոյին, երբ նա չափում էր կրեպդեշինի շատ հաճելի կոֆտան։ Այդ զգեստի մեջ նա գրեթե դիցուհի էր էր երևում։
 +
 +
― Խո՛֊խո՛, ― բացականչեց նա, մարդակերային այդ ճիչի մեջ միավորելով իրեն համակած զարմանալիորեն բարդ զգացմունքները։
 +
 +
Այդ զգացմունքերը պարզեցրած ձևով կարելի էր արտահայտել հետևյալ ֆրազով․ «Տղամարդիկ այսպես ինձ տեսնելով, կհուզվեն։ Նրանք կդողդողան։ Նրանք իմ ետևից կգան մինչև աշխարհի ծայրը, սիրուց կակազելով։ Բայց ես կլինեմ սառը։ Մի՞թե նրանք արժանի են ինձ։ Ես ամենագեղեցիկ կինն եմ։ Երկրագնդում ոչ ոք այսպիսի նրբագեղ կոֆտա չունի»։
 +
 +
Բայց ընդամենը երեսուն բառ կար, և Էլլոչկան նրանցից ընտրեց ամենաարտահայտիչը՝ «խո֊խո»։
 +
 +
Այդ վեհ ժամին նրա մոտ եկավ Ֆիմկա Սոբակը։ Նա իր հետ բերեց հունվարի սառը շունչը և ֆրանսիական մոդաների ժուռնալը։ Էլլոչկան առաջին էջի վրա կանգ առավ։ Շողշողուն լուսանկարը պատկերում էր ամերիկյան միլիարդատեր  Վանդերբիլդի դստերը՝ երեկոյան արդուզարդով։ Այնտեղ կային մորթեղեն ու փետուրներ, մետաքս ու մարգարիտ, տարազի արտասովոր թեթևություն և խելքահան անող սանրվածք։ Դա որոշեց ամեն բան։
 +
 +
― Օհո՛, ― ասաց Էլլոչկան ինքն իրեն։
 +
 +
Դա նշանակում էր՝ «կամ ե՛ս, կամ նա՛»։
 +
 +
Մյուս օրվա առավոտը Էլլոչկային գտավ վարսավիրանոցում։ Այստեղ նա կորցրեց հիանալի սև հյուսը և մազերը ներկեց շիկակարմիր գույնով։ Այնուհետև հաջողվեց ևս մի աստիճան բարձրանալ այն սանդուղքով, որը Էլլոչկային մոտեցնում էր շողշողուն դրախտին, որտեղ զբոսնում են միլիարդատերերի աղջկերքը, որոնք տնային տնտեսուհի Շչուկինայի եղունգն անգամ չարժեն։ Բանվարկով գնվեց մշկամորթու դեր կատարող շան մորթի։ Այն գործադրվեց երեկոյան  արդուզարդի համար։
 +
 +
Նոր գծագրատախտակ գնելու մասին վաղուց ի վեր երազող միստեր Շչուկինը փոքր֊ինչ տխրեց։
 +
 +
Շնամորթով եզրակարված զգեստը առաջին դիպուկ հարվածը հասցրեց ամբարտավան Վանդերբիլիդիխային։ Հետո գոռոզ ամերիկուհուն իրար ետևից երեք հարված հասցվեց։ Էլլոչկան տնային մուշտակագործ Ֆիմոչկա Սոբակից ձեռք բերեց շինշիլլայի մորթե օձիգ (ռուսական նապաստակ, սպանված Տուլայի նահանգում), երկնագույն մի շլյապա ճարեց արգենտինյան ֆետրից և ամուսնու նոր պիջակից վերակարեց կանացի նորձև ժակետ։ Միլիարդերուհին երերաց, բայց նրան, ինչպես երևում է, փրկեց սիրառատ հայր Վանդերբիլդը։
 +
 +
Մոդաների ժուռնալի հերթական համարն իր մեջ պարունակում էր նզովված ախոյանին՝ չորս ձևով․ 1) Մգագորշ աղվեսներով, 2) ճակատին ադամանդե աստղով, 3) ավիացիոն կոստյումով (բարձրաճիտ կոշիկներ, կանաչ նրբավուն կուրտկա և ձեռնոցներ, որոնց բերանները զարդարված էին միջին մեծության զմրուխտներով) և 4) պարահանդեսի արդուզարդով (թանկարժեք զարդերի հեղեղ և մի քիչ էլ մետաքս)։
 +
 +
Էլլոչկան մոբիլիզացրեց իր ուժերը։ Հայր֊Շչուկինը վարկ վերցրեց փոխօգնության դրամարկղից։ Երեսուն ռուբլուց ավելի չտվեցին նրան։ Ուժերի նոր լարումը արմատապես քայքայեց տնտեսությունը։ Ստիպված էին պայքարել կյանքի բոլոր բնագավառներում։ Վերջերս ստացվել էին միսսի լուսանկարները՝ Ֆլորիդայի իր նոր ապարանքում։ Էլլոչկան ստիպված եղավ նոր կահույք ձեռք բերել։ Աճուրդին նա գնեց երկու փափուկ աթոռ։ (Հաջո՜ղ գնում էր։ Ոչ մի կերպ չէր կարելի բաց թողնել)։ Ամուսնուն չհարցնելով, Էլլոչկան փողը վերցրեց ճաշի գումարներից։ Մինչև ամսի տասնհինգը մնացել էր  տասը օր և չորս ռուբլի։
 +
 +
Էլլոչկան շուքով տուն բերեց աթոռները Վարսոնոֆեյան նրբանցքով։ Ամուսինը տանը չէր։ Ասենք, շուտով նա հայտնվեց, պորտֆել֊սնուկն իր հետ քարշ տալով։
 +
 +
― Մռայլ ամուսինս եկավ, ― որոշակի ասաց Էլլոչկան։
 +
 +
Բոլոր խոսքերը նա արտասանում էր որոշակի և բառերը աշխուժորեն դուրս էին պրծնում սիսեռների պես։
 +
 +
― Բարև, Ելենոչկա, իսկ սա ի՞նչ բան է։ Որտեղի՞ց այս աթոռները։
 +
 +
― Խո՛֊խո՛։
 +
 +
― Չէ, իսկապես։
 +
 +
― Լազա՜թ։
 +
 +
― Հա։ Լավ աթոռներ են։
 +
 +
― Նշանավո՜ր։
 +
 +
― Որևէ մեկը նվիրե՞լ է։
 +
 +
― Օհո՛։
 +
 +
― Ինչպե՞ս։ Մի՞թե գնել ես։ Ի՞նչ միջոցներով։ Մի՞թե տնտեսական։ Չէ՛ որ քեզ հազար անգամ ասել եմ․․․
 +
 +
― Էռնեստո՛ւլյա։ Գյադայություն ես անում։
 +
 +
― Բա ո՞նց կարելի է այդպես անել։ Չէ՞ որ մենք ուտելու բան չենք ունենա։
 +
 +
― Դրա՜ն մի տես։
 +
 +
― Բայց դա վրդովեցուցիչ է։ Դու քո միջոցների համեմատ չես ապրում։
 +
 +
― Կատակում եք։
 +
 +
― Այո, այո։ Դուք ապրում եք ձեր միջոցների համեմատ․․․
 +
 +
― Մի՛ սովորեցրեք ինձ ապրել։
 +
 +
― Ոչ, եկ լուրջ խոսենք։ Ես ստանում եմ երկու հարյուր ռուբլի․․․
 +
 +
― Խավա՛ր։
 +
 +
― Կաշառք չեմ վերցնում, փող չեմ գողանում և այն կեղծել չեմ կարող․․․
 +
 +
― Սարսա՛փ։
 +
 +
Էռնեստ Պավլովիչը լռեց։
 +
 +
― Ահա թե ինչ, ― ասաց նա, վերջապես, ― այսպես ապրել չի կարելի։
 +
 +
― Խո՛֊խո՛, ― ասաց Էլլոչկան, նստելով նոր աթոռին։
 +
 +
― Մենք պետք է բաժանվենք։
 +
 +
― Դրա՜ն մի տես։
 +
 +
― Մեր բնավորություններն իրար չեն բռնում։ Ես․․․
 +
 +
― Դու հաստ ու սիրուն տղա ես։
 +
 +
― Քանի անգամ եմ խնդրել, որ ինձ տղա չանվանես։
 +
 +
― Կատակում եք։
 +
 +
― Որտեղի՞ց էլ վերցրել ես այդ ապուշային ժարգոնը։
 +
 +
― Մի սովորեցրեք ինձ ապրել։
 +
 +
― Օ՜, սատանա, ― բղավեց ինժեները։
 +
 +
― Գյադայություն եք անում, Էռնեստո՛ւլյա։
 +
 +
― Եկ հաշտ ու խաղաղ բաժանվենք։
 +
 +
― Օհո՛։
 +
 +
― Դու ինձ ոչինչ չես ապացուցի։ Այս վեճը․․․
 +
 +
― Ես քեզ կծեծեմ, ինչպես երեխայի։
 +
 +
― Ոչ, սա բոլորովին անտանելի է։ Քո փաստարկները չեն կարող ինձ ետ պահել այն քայլից, որ ստիպված եմ անել։ Ես հենց հիմա գնում եմ բեռնակրի ետևից։
 +
 +
Կահույքը հավասար կկիսենք։
 +
 +
Սարսա՛փ։
 +
 +
― Դու կստանաս ամսական հարյուր ռուբլի։ Նույնիսկ հարյուր քսան։ Սենյակը քեզ կմնա։ Ապրիր, ինչպես ուզում ես, իսկ ես այսպես չեմ կարող․․․
 +
 +
― Նշանավո՜ր է, ― ասաց Էլոչկան արհամարհանքով։
 +
 +
― Իսկ ես կտեղափոխվեմ Իվան Ալեքսեևիչի մոտ։
 +
 +
― Օհո՛։
 +
 +
― Նա գնացել է ամառանոց և ամառվա ընթացքում իր ամբողջ բնակարանը ինձ է թողել։ Բանալին մոտս է․․․ Միայն կահույք չկա։
 +
 +
― Լազա՜թ։
 +
 +
Էռնեստ Պավլովիչը հինգ րոպե անց վերադարձավ դռնապանի հետ։
 +
 +
― Դե, գարդերոբը ես չեմ վերցնի, նա քեզ ավելի է պետք, բայց ահա գրասեղանը, բարի եղիր․․․  Այս աթոռներից մեկն էլ վերցրեք, դռնապան։ Այս երկու աթոռներից մեկը վերցնում եմ։ Կարծում եմ, այդ իրավունքը ունեմ։ Էռնեստ Պավլովիչը կապեց իր իրերը մի մեծ կապոցի մեջ, սապոգները փաթաթեց լրագրով և շուռ եկավ դեպի դուռը։
 +
 +
― Քո մեջքն ամբողջովին սպիտակ է, ― ասաց Էլլոչկան գրամոֆոնի ձայնով։
 +
 +
― Ցտեսությո՛ւն, Ելենա։
 +
 +
Նա սպասում էր, որ կինը գեթ այս դեպքում ձեռնպահ կմնա սովորական մետաղյա խոսքերից։ Էլլոչկան նույնպես զգաց րոպեի ողջ լրջությունը։ Նա լարվեց և սկսեց անջատման համար խոսքեր որոնել։ Նրանք իսկույն գտնվեցին։
 +
 +
― Կգնաս տաքսոո՜վ։ Լազա՜թ։
 +
 +
Ինժեները ձնակուտի պես գլորվեց սանդուղքով։
 +
 +
Երեկոն Էլլոչկան  անցկացրեց Ֆիմկա Սո՛բակի հետ։ Նրանք քննարկում էին արտաքո կարգի մի դեպք, որն սպառնում էր շուռ տալ համաշխարհային էկոնոմիկան։
 +
 +
― Թվում է, թե կրելու են երկար ու լայն, ― ասում էր Ֆիմկան, հավի պես գլուխը ուսերի մեջ խրելով։
 +
 +
― Խավա՛ր։
 +
 +
Եվ Էլլոչկան հարգանքով նայեց Ֆիմկա Սո՛բակին։ Մադմաուզել Սո՛բակը կուլտուրական աղջկա համբավ ուներ․ նրա բառարանում մոտ հարյուր ութսուն բառ կար։ Ընդ որում նրան մի այնպիսի խոսք էր հայտնի, որ Էլլոչկան երազումն անգամ չէր կարող լսել։ Դա հարուստ մի խոսք էր՝ հոմոսեկսուալիզմ։ Ֆիմկա Սո՛բակն անկասկած կուլտուրական աղջիկ էր։
 +
 +
Աշխույժ զրույցը տիրեց մինչև կեսգիշերը։
 +
 +
Առավոտյան ժամը տասին մեծ կոմբինատորը մտավ Վարսնոֆևյան նրբանցքը։ Առջևից վազում էր մի քիչ առաջվա անապաստան տղան։ Նա ցույց տվեց տունը։
 +
 +
― Չե՞ս ստում։
 +
 +
― Ի՜նչ եք ասում, քեռի․․․ Այ հրես, այս շքամուտքը։
 +
 +
Բենդերը տվեց տղային ազնվորեն վաստակած մի ռուբլին։
 +
 +
― Ավելացնել է պետք, ― ասաց տղան կառապանի պես։
 +
 +
― Մեռած էշից ականջ։ Կստանաս Պուշկինից։ Ցտեսությո՛ւն, անորա՛կ։
 +
 +
Օստապը բախեց դուռը, բնավ չմտածելով, թե ինչ պատրվակով է ներս մտնելու։ Դամաների հետ խոսելու համար նա նախապատվություն էր տալիս նեշնչմանը։
 +
 +
― Օհո՞, ― հարցրին դռան ետևից։
 +
 +
― Գործով, ― պատասխանեց Օստապը։
 +
 +
Դուռը բացվեց։ Օստապն անցավ սենյակը, որը կարող էր կահավորված լինել միայն փայթփորիկի երևակայություն ունեցող էակի կողմից։ Պատերից կախված էին կինոբացիկներ, տիկնիկներ և տամբովյան գոբելեններ։ Այդ խայտաբղետ ֆոնի վրա, որից աչքերը շաղվում էին, դժվար էր նկատել սենյակի փոքրիկ տիրուհուն։ Նա հագին ուներ խալաթ, որը ձեվափոխել էր Էռնեստ Պավլովիչի տոլստովկայից և եզրակարել հանելուկային մորթիով։
 +
 +
Օստապն իսկույն հասկացավ, թե ինչպես է պահելու իրեն բարձրաշխարհիկ շրջանում։ Նա աչքերը փակեց և մի քայլ ետ գնաց։
 +
 +
― Հիանալի՜ մորթի է, ― բացականչեց նա։
 +
 +
― Կատակում եք, ― քնքշորեն ասաց Էլլոչկան։ ― Սա մեքսիկական ճագարամուկ է։
 +
 +
― Չի՛ կարող պատահել։ Ձեզ խաբել են։ Ձեզ շատ ավելի լավ մորթի են տվել։ Դա Շանհայի հովազ է։ Այո, այո, հովազ։ Ես երանգից եմ ճանաչում։ Տեսեք, թե մորթին ինչպես է խայտում արևի տակ․․․ Զմրուխտ է, զմրուխտ։
 +
 +
Էլլոչկան ինքն էր ներկել մեքսիկական ճագարամուկը կանաչ ջրաներկով, ուստի և առավոտվա այցելուի գովասանքն առանձնապես հաճելի էր։
 +
 +
Տանտիրուհուն ուշքի գալու հնարավորություն չտալով, մեծ կոմբինատորը դուրս տվեց այն ամենը, ինչ երբևէ լսել էր մորթիների մասին։ Դրանից հետո խոսք բացվեց մետաքսի մասին, և Օստապը հմայիչ տանտիրուհուն խոստացավ մի քանի հարյուր մետաքսի բոժոժ, որն իբր բերել էր Ուզբեկստանի Կենտգործկոմի նախագահը։
 +
 +
― Դուք շատ լավ տղա եք, ― նկատեց Էլլոչկան ծանոթության առաջին րոպեներից հետո։
 +
 +
― Ձեզ, իհարկե, զարմացրեց անհայտ տղամարդու վաղ այցելությունը։
 +
 +
― Խո՛֊խո՛։
 +
 +
― Բայց ես եկել եմ նուրբ գործով։
 +
 +
― Կատակում եք։
 +
 +
― Դուք երեկ աճուրդում էիք և ինձ վրա չափազանց մեծ տպավորություն գործեցիք։
 +
 +
― Գյադայություն եք անում։
 +
 +
― Ի սե՜ր աստծո։ Գյադայություն անել ձեզ նման հիասքանչ կնոջ հետ՝ տմարդություն է։
 +
 +
― Սարսա՛փ։
 +
 +
Զրույցն այնուհետև շարունակվեց նույն ուղղությամբ, որը, սակայն, որոշ դեպքերում հրաշալի արդյունքներ էր տալիս։ Բայց Օստապի կոմպլիմենտները գնալով ավելի ջրիկանում և կարճանում էին։ Նա նկատեց, որ երկրորդ աթոռը սենյակում չէ։ Ստիպված եղավ հետքերը որոնել։ Իր հարցուփորձերը համեմելով արևելյան գունեղ շողոքորթությամբ, Օստապն իմացավ Էլլոչկայի կյանքում երեկ տեղի ունեցած դեպքերի մասին։
 +
 +
«Նոր գործ, անցավ նրա մտքով, ― աթոռները դես ու դեն են սողում ուտիճների պես»։
 +
 +
― Անուշիկ աղջիկ, ― անսպասելիորեն ասաց Օստապը, ― ծախեցեք ինձ այս աթոռը։ Նա ինձ շատ է դուր գալիս։ Միայն դուք ձեր կանացի հոտառությամբ կարող էիք ընտրել այպիսի գեղարվեստական մի իր։ Ծախեցե՛ք, աղջիկս, իսկ ես ձեզ կտամ յոթ ռուբլի։
 +
 +
― Գյադայություն եք անում, տղա, ― խորամանկորեն ասաց Էլոչկան։
 +
 +
― Խո՛֊խո՛, ― վրա բերեց Օստապը։
 +
 +
«Սրա հետ այլ կերպ պետք է գործել, ― որոշեց նա, ― առաջարկենք փոխանակություն»։
 +
 +
― Դուք գիտեք, որ հիմա Եվրոպայում և Ֆիլադելֆիայի լավագույն տներում վերականգնել են թեյը քամիչով լցնելու հինավուրց մոդան։ Անասելի էֆեկտավոր և շատ նրբաճաշակ բան է։
 +
 +
Էլլոչկան ուշադրությունը լարեց։
 +
 +
― Հենց Վիեննայից ինձ մոտ է եկել ծանոթ մի դիվանագետ և նվեր է բերել։ Հետաքրքրիր բան է։
 +
 +
― Պետք է որ նշանավոր լինի, ― հետաքրքրվեց Էլլոչկան։
 +
 +
― Օհո՛։ Խո՛֊խո՛։ Եկեք փոխանակենք։ Դուք ինձ՝ աթոռը, իսկ ես ձեզ՝ թեյքամիչը։ Ուզո՞ւմ եք։
 +
 +
Եվ Օստապը գրպանից հանեց ոսկեջրած փոքրիկ թեյքամիչը։
 +
 +
Արևը ձվի պես թավալվում էր թեյքամիչի մեջ։ Ցոլքերը ցատկոտում էին առաստաղին։ Անսպասելի կերպով լուսավորվեց սենյակի մութ անկյունը։ Թեյքամիչը այնպես հմայիչ տպավորություն գործեց Էլլոչկայի վրա, ինչպես պահածոյի հին տուփն է գործում մարդակեր Մամբո֊Յումբայի վրա։ Նման դեպքերում մարդակերը բղավում է ամբողջ ձայնով, մինչդեռ Էլլոչկան կամացուկ հառաչեց․
 +
 +
― Խո՛֊խո՛։
 +
 +
Սթափվելու ժամանակ չտալով, Օստապը թեյքամիչը դրեց սեղանին, վերցրեց աթոռը և, հիասքանչ կնոջից իմանալով ամուսնու հասցեն, քաղաքավարի գլուխ տվեց։
 +
 +
 +
==Աբեսալոմ Վլադիմիրովիչ Իզնուրենկով==
 +
 +
 +
Կոնցեսիոներների համար թեժ օրեր սկսվեցին։ Օստապը պնդում էր, թե աթոռները պետք է տաք֊տաք ծեծել։ Իպոլիտ Մատվեևիչը ներումն էր ստացել, թեև ժամանակ առ ժամանակ Օստապը հարցաքննում էր նրան։
 +
 +
― Ինչ ղալաթ արեցի, որ կապվեցի ձեզ հետ։ Ճիշտն ասած, դուք իմ ինչի՞ն եք պետք։ Լավ կանեիք գնայիք ձեր տուն, զագս։ Այնտեղ ձեզ սպասում են հանգուցյալները, նորածինները։ Մի տանջեք մանկիկներին։ Գնացե՛ք։
 +
 +
Բայց հոգու խորքում մեծ կոմբինատորը կապվել էր վայրենացած պարագլխին։ «Առանց նրան այնքան էլ ծիծաղելի չէ ապրելը», ― մտածում էր Օստապը։ Եվ նա ուրախ նայում էր Վորոբյանինովին, որի գլխին արդեն արծաթյա գազոն էր բուսել։
 +
 +
Աշխատանքների պլանում Իպոլիտ Մատվեևիչի նախաձեռնությունը կարգին տեղ էր հատկացված։ Հենց որ մեղմաբարո Իվանոպուլոն գնում էր, Բենդերը իր կոմպանյոնի գլխին էր մոտեցնում գանձերը գտնելու ամենակարճ ուղիները։
 +
 +
― Գործել համարձակ։ Ոչ ոքի չհարձուփորձել։ Ավելի շատ անպատկառություն։ Դա դուր է գալիս մարդկանց։ Երրորդ անձերի միջոցով ոչինչ չձեռնարկել։ Հիմարներ այլևս չկան։ Ոչ ոք ձեզ համար ադամանդ դուրս չի քաշի ուրիշի գրպանից։ Բայց և առանց քրեագործության։ Օրենսգիրքը մենք պետք է հարգենք։
 +
 +
Եվ այնուամենայնիվ հետախուզման գործերը այնքան էլ փայլուն չէին ընթանում։ Խանգարում էին քրեական օրենսգիրքը և մեծ թվով բուրժուական նախաշարժմունքներ, որ պահպանվել էին մայրաքաղաքի բնակիչների մոտ։ Նրանք, օրինակ, հանդուրժել չէին կարող գիշերային այցելությունները՝ օդանցքների միջով։ Ստիպված էին միայն լեգալ աշխատել։
 +
 +
Էլլոչլա Շչուկինայի մոտ Օստապի կատարած այցելության օրը ուսանող Իվանոպուլոյի սենյակում կահույք հայտնվեց։ Դա թեյքամիչի հետ փոխանակված աթոռն էր ― էքսպեդիցիայի  երրորդ ավարը։ Վաղուց անցել էր այն ժամանակը, երբ ադամանդների ետևից ընկնելը ընկերների մեջ հուժկու հույզեր էր հարուցում, երբ նրանք մագիլներով հոշոտում էին աթոռները և կրծում նրանց զսպանակաները։
 +
 +
― Եթե նույնիսկ աթոռների մեջ ոչինչ չկա, ― ասում էր Օստապը, ― հաշվեք, որ մենք արդեն վաստակել ենք առնվազն տասը հազար։ Ամեն մի բացած աթոռ ավելացնում է մեր շանսերը։ Ի՞նչ արած, որ դամոչկայի աթոռի մեջ ոչինչ չկա։ Դրա համար չարժե կոտրատել այն։ Թող Իվանոպուլոն կայքի տեր դառնա։ Մեզ համար էլ հաճելի կլինի։
 +
 +
Նույն օրը կոնցեսիոներները չվեցին վարդագույն տնակից և ցրվեցին տարբեր կողմեր։ Իպոլիտ Մատվեևիչին հանձնարարված էր Սադովո֊Սպասսկայի մկկացող անծանոթը, ծախսերի համար տրված էր քսանհինգ ռուբլի, պատվիրված էր գարեջրատուն չմտնել և չվերադառնալ առանց աթոռի։ Էլլոչկայի ամուսնուն մեծ կոմբինատորը վերցրեց իր վրա։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը N 6 ավտոբուսով կտրեց անցավ քաղաքը։ Կաշվե նստարանի վրա ցնցվելով և վեր֊վեր թռչելով մինչև կառեթի լաքած առաստաղը, նա մտածում էր այն մասին, թե ինչպես իմանա մկկացող քաղաքացու ազգանունը, ինչ պատրվակով մտնի նրա մոտ, ինչ ասի առաջին ֆրազով և ինչպես անցնի բուն նյութին։
 +
 +
Կարմիր դարբասների մոտ իջնելով, նա Օստապի գրած հասցեով գտավ հարկավոր տունը և սկսեց ման գալ նրա շուրջը։ Նա սիրտ չէր անում ներս մտնել։ Դա մի հին, մոսկովյան կեղտոտ հյուրանոց էր, որ վերածել էին բնակընկերության, և դատելով շենքի ցեխոտված ճակատից, կոմպլեկտավորել էին չարամիտ չվճարողներով։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը երկար կանգնեց շքամուտքի առաջ․ նա մոտենում էր նրան, բերանացի արավ ձեռագիր հայտարարությունը, որի մեջ սպառնալիքներ կային անփույթ կենվորների հասցեին և, ոչ մի որոշում չընդունելով, բարձրացավ երկրորդ հարկ։ Առանձին սենյակները դուրս էին գալիս միջանցք։ Դանդաղ, ասես գրատախտակին էր մոտենում ապացուցելու չսովորած թեորեման, Իպոլիտ Մատվեևիչը մոտեցավ N 41 սենյակին։ Դռան վրա մի կնոպկայով գլխիվայր ամրացված էր այցեքարտ․
 +
 +
Կատարյալ մտախավարումի պայմաններում, Իպոլիտ Մատվեևիչը մոռացավ թակել, բացեց դուռը, լուսնոտի երեք քայլ արեց և հայտնվեց սենյակի մեջտեղում։
 +
 +
― Ներեցեք, ― ասաց նա խեղդված ձայնով, ― կարո՞ղ եմ տեսնել ընկեր Իզնուրենկովին։
 +
 +
Աբեսալոմ Վլադիմիրովիչը չէր պատասխանում։ Վորոբյանինովը գլուխը բարձրացրեց և նոր միայն տեսավ, որ սենյակում ոչ ոք չկա։
 +
 +
Սենյակի արտաքին տեսքով դժվար էր որոշել տանտիրոջ հակումները։ Պարզ էր մի բան, որ նա ամուրի է և սպասավոր չունի։ Պատուհանի գոգին մի թուղթ էր դրված երշիկի կլեպներով։ Պատի տակի թախտը ծածկված էր թերթերով։ Փոքրիկ գրադարակի վրա մի քանի փոշոտ գրքեր կային։ Պատերի վրայից նայում էին կատուների և կատվիկների գունավոր նկարներ։ Սենյակի մեջտեղը, թեք ընկած կեղտոտ կոշիկների կողքին կաղնե սեղան էր դրված։ Կահավորման բոլոր առարկաներից, այդ թվում և ստարգորոդյան առանձնատան աթոռից մորեգույն զմուռսե կնիքներ էին կախված։ Բայց Իպոլիտ Մատվեևիչը ուշադրություն չդարձրեց դրանց վրա։ Նա անմիջապես մոռացավ քրեական օրենսգիրքը, Օստապի խրատները և վրա պրծավ աթոռին։
 +
 +
Այդ ժամանակ թախտի վրա թերթերը շարժվեցին։ Իպոլիտ Մատվեևիչը վախեցավ։ Թերթերը սահեցին ու ընկան հատակին։ Նրանց տակից դուրս եկավ հանգիստ մի կատու։ Նա անտարբեր նայեց Իպոլիտ Մատվեևիչին և սկսեց լվացվել, թաթիկներով ականջը, այտը և բեղը տրորելով։
 +
 +
― Փո՛ւհ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Եվ աթոռը քարշ տվեց դեպի դուռը։ Դուռն ինքն իրեն բացվեց։ Շեմքին հայտնվեց սենյակի տերը՝ մկկացող անծանոթը։ Նա վերարկուով էր, որի տակից երևում էր մանուշակագույն վարտիքը։ Ձեռքին բռնած ուներ շալվարը։
 +
 +
Աբեսալոմ Վլադիմիրովիչ Իզնուրենկովի մասին կարելի էր ասել, որ նման մեկ ուրիշը չկար ամբողջ հանրապետության մեջ։ Հանրապետությունն ըստ արժանվույն գնահատում էր նրան։ Նա մեծ օգուտ էր բերում հանրապետությանը։ Եվ այնուամենայնիվ նա մնում էր անհայտ, թեև իր արվեստի մեջ նույնքան վարպետ էր, որքան Շալյապինը՝ երգի, Գորկին՝ գրականության, Կապաբլանկան՝ շախմատի, Մելնիկովը՝ չմուշկներով վազքի և Տվերսկոյի ու Կամերգրադսկու անկյունում լավագույն տեղը գրաված մեծագույն քթով դարչնագույն ասորին՝ դեղին կրեմով սապոգներ մաքրելու մեջ։
 +
 +
Շալյապինը երգում էր։ Գորկին մեծ վեպ էր գրում։ Կապաբլանկան պատրաստվում էր մրցելու Ալյոխինի հետ։ Մելնիկովը ռեկորդներ էր պոկում։ Ասորին քաղաքացիների կոշիկները հասցնում էր արևային փայլի։ Աբեսալոմ Իզնուրենկովը սրամտում էր։
 +
 +
Նա երբեք չէր սրամտում աննպատակ՝ ի սեր դիպուկ խոսքի։ Այդ բանը նա անում էր երգիծական ամսագրերի առաջադրանքներով։  Իր ուսերի վրա նա տանում էր պատասխանատու կամպանիաներ, նկարների և ֆելիետոնների թեմաներ էր մատակարարում մոսկովյան երգիծական ամսագրերի մեծամասնությանը։
 +
 +
Մեծ մարդիկ իրենց կյանքում սրամտում են երկու անգամ։ Այդ սրամտությունները մեծացնում են նրանց փառքը և մնում պատմության մեջ։ Իզնուրենկովը ամսական բաց էր թողնում ամենապակասը վաթսուն առաջնակարգ սրամտություն, որոնց ժպիտով կրկնում էին բոլորը, և այնուամենայնիվ մնում էր անհայտության մեջ։ Եթե Իզնուրենկովի սրամտությունը դնում էին նկարի տակ, ապա փառքը բաժին էր ընկնում նկարչին։ Նկարչի անունը տեղավորում էին նկարի վերևում։ Իզնուրենկովի անունը չէր լինում։
 +
 +
― Դա սարսափելի է, ― բղավում էր նա։ ― Անհնարին է ստորագրել։ Ինչի՞ տակ ստորագրեմ։ Եկու տողի՞։
 +
 +
Եվ նա շարունակում էր կատաղի պայքարել հասարակության թշնամիների՝ վատ կոոպերատորների, վատնիչների, Չեմբեռլենի, բյուրոկրատների դեմ։ Նա իր սրամտություններով խայթում էր քծնողներին, տնային կառավարիչներին, մասնավորներին, վարիչներին, խուլիգաններին, քաղաքացիներին, որոնք չէին ցանկանում գներն իջեցնել, և խնայողության ռեժիմից խուսափող տնտեսվարներին։
 +
 +
Ամսագրի լույս տեսնելուց հետո սրամտությունները արտասանվում էին կրկեսի հրապարակներից, արտացոլվում էին երեկոյան թերթերում առանց աղբյուրը ցույց տալու և բեմերից հրամցվում էին հասարակությանը «կուպլետիստ֊հեղինակների» կողմից։
 +
 +
Իզնուրենկովը կարողանում էր սրամտել այն բնագավառներում, ուր թվում էր, թե արդեն ոչ մի ծիծաղելի բան ասել չի կարելի։ Այնպիսի հյուծված անապատից, ինչպիսին ինքնարժեքի ուռցված վերադիրներն են, Իզնուրենկովը կարողանում էր հումորի մոտ հարյուր գլուխգործոցներ քամել։ Հայնեի ձեռքերը կթուլանային, եթե նրան առաջարկեին որևէ ծիծաղելի և միաժամանակ հասարակականորեն օգտակար բան ասել փոքր արագության բեռների սխալ տարիֆադրման մասին։ Մարկ Տվենը կփախչեր այդպիսի թեմայից։ Բայց Իզնուրենկովը մնում էր իր պոստում։
 +
 +
Նա վազվզում էր խմբագրական սենյակներով, դիպչելով մոխրամաններին և մկկալով։ Տասը րոպեից թեման մշակված էր լինում, նկարը լավ մտածված և վերնագիրը սարքած։
 +
 +
Տեսնելով իր սենյակում մի մարդու, որ տանում է կնքած աթոռը, Աբեսալոմ Վլադիմիրովիչը թափահարեց հենց նոր դերձակի մոտ արդուկած շալվարը, ցատկոտեց և ծղրտաց․
 +
 +
― Գժեվ՛լ եք, ինչ է։ Ես բողոքում եմ։ Դուք իրավունք չունեք։ Վերջապես, օրենք կա։ Թեև այն հիմարների համար չի գրված, բայց դուք հավանորեն լսած կլինեք, որ կահույքը դեռ կարող է երկու շաբաթ մնալ․․․ Ես կբողոքեմ դատախազին․․․ Ես կվճարեմ, վերջապես։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կանգնել էր տեղում, իսկ Իզնուրենկովը դեն նետեց վերարկուն և, դռներից չհեռանալով, շալվարը քաշեց իր Չիչիկովի ոտքերի պես չաղ ոտքերը։ Իզնուրենկովը հաստլիկ էր, բայց վտիտ դեմք ուներ։
 +
 +
Վորոբյանինովը չէր կասկածում, որ հիմա իրեն կբռնեն և քարշ կտան միլիցիա։ Ուստի և խիստ զարմացավ, երբ սենյակի տերը, իր վրան֊գլուխը կարգի բերելուց հետո, անսպասելիորեն հանդարտվեց։
 +
 +
― Հասկացեք ախր, ― խոսել սկսեց տանտերը, հաշտվողական տոնով, ― չէ՞ որ ես չեմ կարող համաձայնել դրան։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը Իզնուրենկովի փոխարեն նույնպես կարող էր վերջ ի վերջո չհամաձայնել, որ օր ցերեկով իրենից աթոռները գողացան։ Բայց նա չգիտեր ինչ ասել, ուստի լռում էր։
 +
 +
― Այդ ես չեմ մեղավոր։ Մեղավորը ինքը Մուզպրեդն է։ Այո, ես խոստովանում եմ, ութ ամիս չեմ վճարել վարձով վերցրած դաշնամուրի համար, բայց հո չեմ ծախել, թեև լիակատար հնարավորություն ունեի այդ անելու։ Ես ազնվորեն վարվեցի, իսկ նրանք ժուլիկաբար։ Դաշնամուրը վերցրին հերիք չէ, դատարան էլ տվեցին և կահույքը վերգրեցին։ Ինձ մոտ վերգրել ոչինչ չի կարելի։ Այս կահույքը արտադրության գործիք է։ Աթոռը նույնպես արտադրության գործիք է։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ինչ֊որ բան գլխի ընկավ։
 +
 +
― Բա՛ց թողեք աթոռը, ― հանկարծ վնգստաց Աբեսալոմ Վլադիմիրովիչը։ ― Լսո՞ւմ եք։ Դո՛ւք։ Բյուրոկրա՛տ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը խոնարհաբար բաց թողեց աթոռը և թոթովեց․
 +
 +
― Ներեցեք, թյուրիմացություն է, պաշտոնս է այսպիսին։
 +
 +
Այստեղ Իզնուրենկովը սաստիկ ուրախացավ։ Նա սկսեց վազվել սենյակում և երգել․ «Իսկ առավոտյան նա կրկին ժպտում էր, ինչպես միշտ իր պատուհանի առջև»։ Նա չգիտեր, թե ինչ աներ իր ձեռքերի հետ։ Նրանք թռչում էին։ Նա սկսեց կապել իր փողկապը և, չպրծած, թողեց։ Ապա վերցրեց լրագիրը և, ոչինչ չկարդալով, նետեց հատակին։
 +
 +
― Ուերմն այսօր կահույքը չե՞ք վերցնի․․․ Լա՛վ է։ Ա՛խ, ա՛խ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը օգտվելով բարեհաջող դասավորված հանգամանքներից, շարժվեց դեպի դուռը։
 +
 +
― Սպասեցե՛ք, ― բղավեց հանկարծ Իզնուրենկովը ― Դուք երբևէ  տեսե՞լ եք այսպիսի կատու։ Ասացեք, նա իսկապե՞ս արտաքո կարգի փափկամազ է։
 +
 +
Կատուն հայտնվեց Իպոլիտ Մատվեևիչի դողդոջուն ձեռքերի մեջ։
 +
 +
― Բա՛րձր դաս․․․ ― քրթմնջում էր Աբեսալոմ Վլադիմիրովիչը, չիմանալով ինչ անել իր անսպառ եռանդը։ ― Ա՛խ, ա՛խ․․․
 +
 +
Նա նետվեց դեպի պատուհանը, ձեռքերը իրար զարկեց և սկսեց հաճախակի գլուխ տալ դիմացի տան պատուհանից իրեն նայող երկու աղջիկներին։ Նա դոփում էր տեղում և քնքշանքով հոգոցներ քաշում։
 +
 +
― Արվարձանի աղջիկնե՛ր։ Լավագույն պտո՛ւղը․․․ Բա՛րձր դաս․․․ Ա՛խ․․․ «Իսկ առավոտյան նա կրկին ժպտում էր, ինչպես միշտ իր պատուհանի առջև․․․»։
 +
 +
― Դե, ես գնում եմ, քաղաքացի, ― հիմարաբար ասաց կոնցեսիայի դիրեկտորը։
 +
 +
― Սպասեցեք, սպասեցեք, ― հանկարծ իրար անցավ Իզնուրենկովը։ ― Մի րոպե․․․ Ա՛խ․․․ Բա կատո՞ւն։ Նա արտաքո կարգի փափկամազ է, այնպես չէ՞․․․ Սպասեցեք․․․ Ես հիմա․․․
 +
 +
Նա շփոթված քրքրեց գրպանները, վազեց, վերադարձավ, ախ քաշեց, պատուհանից դուրս նայեց, նորից վազեց ու նորից վերադարձավ։
 +
 +
― Ներեցեք, հոգյակս, ― ասաց նա Վորոբյանինովին, որն այդ ամբողջ բարդ գործողությունների ընթացքում կանգնել էր ձեռքերը զինվորավարի ծալած։
 +
 +
Այդ ասելուն պես նա հիսուն կոպեկ տվեց պարագլխին։
 +
 +
― Ոչ, ոչ, մի հրաժարվեք, խնդրում եմ։ Ամեն մի աշխատանք պետք է վարձատրվի։
 +
 +
― Անչափ շնորհակալ եմ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, զարմանալով իր հնարագիտության վրա։
 +
 +
― Շնորհակալություն, սիրելիս, շնորհակալություն, հոգյակս։
 +
 +
Միջանցքով անցնելիս, Իպոլիտ Մատվեևիչը լսեց Իզնուրենկովի սենյակից մկկոց, ճղճղոց, երգ ու բուռն ճիչեր։
 +
 +
Փողոցում Վորոբյանինովը հիշեց Օստապին և վախից դողաց։
 +
 +
 +
Էռնեստ Պավլովիչ Շչուկինը թրև էր գալիս դատարկ բնակարանում, որն ամառվա ընթացքում սիրալիր նրան էր զիջել իր բարեկամը, և որոշում էր մի հարց՝ վաննա ընդունե՞լ, թե չընդունել։
 +
 +
Երեքսենյականոց բնակարանը տեղավորված էր իննհարկանի տան հենց կտուրի տակ։ Նրանում, բացի գրասեղանից և Վորոբյանինովի աթոռից, միայն մի տրյումո կար։ Արևն անդրադառնում էր հայելու մեջ և աչք էր ծակում։ Ինժեները պառկեց գրասեղանի վրա, բայց իսկույն վեր ցատկեց։ Ամեն ինչ շիկացած էր։
 +
 +
«Գնամ լվացվեմ», ― որոշեց նա։
 +
 +
Նա հանվեց, հովացավ, նայեց հայելու մեջ և գնաց վաննայի սենյակը։ Զովությունը պարուրեց նրան։ Նա մտավ վաննան, էմալե կապույտ ամանով ջուր շաղ տվեց վրան և առատորեն սապնվեց։ Նա ամբողջովին ծածկվեց սապնի փրփուրով և նմանվեց տոնածառի ձմեռ֊պապիկի։
 +
 +
― Լա՜վ է, ― ասաց Էռնեստ Պավլովիչը։
 +
 +
Ամեն բան լավ էր։ Զովություն տիրեց։ Կինը չկար։ Առջևում լիակատար ազատություն էր։ Ինժեները նստեց և պտտեցրեց ծորակը, որպեսզի սապոնը մաքրի։ Ծորակը շնչասպառ եղավ և սկսեց դանդաղորեն ինչ֊որ անորոշ բաներ ասել։ Ջուր չէր գալիս։ Էռնեստ Պավլովիչը լպրծուն ճկույթը մտցրեց ծորակի անցքը։ Մի բարակ շիթ ծորաց, բայց ուրիշ ոչինչ չկար։ Էռնեստ Պավլովիչը կնճռոտվեց, դուրս եկավ վաննայից, ոտքերը հերթով բարձրացնելով, և գնաց դեպի խոհանոցային ծորակը։ Բայց այնտեղ էլ հնարավոր չեղավ որևէ բան կթել։
 +
 +
Էռնեստ Պավլովիչը քստքստացնելով անցավ սենյակներով և կանգնեց հայելու առջև։ Փրփուրը կսկծացնում էր աչքերը, մեջքը քոր էր գալիս, սապոնի քուլաները թափվում էին պարկետի վրա։ Ականջ դնելով՝ արդյոք չի գալիս վաննայի ջուրը, Էռնեստ Պավլովիչը որոշեց կանչել դռնապանին։
 +
 +
«Թող գոնե նա ջուր բերի, ― որոշեց ինժեները աչքերը տրորելով և դանդաղ եռ գալով, ― թե չէ սատանան գիտե՝ ինչ բան է սա»։
 +
 +
Նա նայեց պատուհանից դուրս։ Բակի խոր հատակում երեխաներ էին խաղում։
 +
 +
― Դռնապա՛ն, ― բղավեց Էռնեստ Պավլովիչը։ ― Դռնապա՛ն։
 +
 +
― Ոչ ոք չարձագանքեց։
 +
 +
Այդ պահին Էռնեստ Պավլովիչը հիշեց, որ դռնապանը ապրում է շքամուտքում, սանդուղքի տակ։ Նա ոտքը դրեց սառը սալիկների վրա և, դուռը ձեռքով պահելով, կախվեց ներքև։ Հարթակի վրա մի բնակարան կար միայն, և Էռնեստ Պավլովիչը չէր վախենում, թե իրեն կարող են տեսնել սապնափրփուրի այդ տարօրինակ հագուստով։
 +
 +
― Դռնապա՛ն, ― բղավեց նա ներքև։
 +
 +
Խոսքը թնդաց և աղմուկով գլորվեց աստիճաննեով։
 +
 +
― Գո՛ւ֊գո՛ւ, ― պատասխանեց սանդուղքը։
 +
 +
― Դռնապա՛ն, դռնապա՛ն։
 +
 +
― Դո՛ւմ֊դո՛ւմ։ Դո՛ւմ֊դո՛ւմ։
 +
 +
Այդ պահին բոբիկ ոտքերն անհամբեր շարժող ինժեները սայթաքեց և հավասարակշռությունը պահպանելու համար դուռը ձեռքից բաց թողեց։ Դուռը չրխկաց ամերիկայն կողպեքի մետաղյա լեզվակով և փակվեց։ Պատը դողաց։ Էռնեստ Պավլովիչը, դեռ չհասկանալով պատահած դեպքի անուղղելիությունը, քաշեց դռան բռնակից։ Դուռը չէր բացվում։
 +
 +
Ինժեները շշմած մի քանի անգամ ևս ձգեց և ականջ դրեց բաբախող սրտով։ Մթնաշղի եկեղեցական լռություն էր տիրում։ Շատ բարձր պատուհանի գույնզգույն ապակիների միջով հազիվ լույս էր թափանցում։
 +
 +
«Ա՜յ քեզ դրություն», ― անցավ Էռնեստ Պավլովիչի մտքով։
 +
 +
― Սրիկայի մեկը, ― ասաց նա դռան հասցեին։
 +
 +
Ներքևում ճայթռուկների պես որոտալ և պայթել սկսեցին մարդկային ձայներ։ Հետո բարձրախոսի պես հաչել սկսեց սենյակի շունը։
 +
 +
Սանդուղքով վեր էին հրում մի մանկասայլակ։
 +
 +
Էռնեստ Պավլովիչը վախվխելով ման էր գալիս հարթակի վրա։
 +
 +
― Գժվել կարելի է։
 +
 +
Նրան թվաց, թե այս ամենը շատ անհեթեթ բան է, դժվար թե իրականում պատահած լինի։ Նա կրկին մոտեցավ դռանը և ականջ դրեց։ Ինչ֊որ նոր ձայներ լսեց։ Սկզբում նրան թվաց, թե մեկը ման է գալիս սենյակում։
 +
 +
«Գուցե մեկն ու մեկը նե՞րս է մտել ետևի դռնից», ― մտածեց նա, թեև գիտեր, որ ետևի մուտքի դուռը փակ է և ոչ ոք չի կարող սենյակ մտնել։
 +
 +
Միալար աղմուկը շարունակվում էր։ Ինժեները շունչը պահեց։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ աղմուկը առաջանում է ջրի ճողփյունից։ Ըստ երևույթին ջուրը հոսում էր բնակարանի բոլոր ծորակներից։ Էռնեստ Պավլովիչը քիչ մնաց բարձրաձայն լաց լիներ։
 +
 +
Սոսկալի դրություն էր։ Մոսկվայում, քաղաքի կենտրոնում, իններորդ հարկի հարթակի վրա կանգնել էր մեծահասակ բեղավոր մի մարդ՝ բարձր կրթությամբ, բացարձակապես մերկ և ամբողոջովին պատած դեռևս շարժվող սապնափրփուրով։ Նա գնալու տեղ չուներ։ Նա ավելի շատ կհամաձայնվեր բանտ նստել, քան երևալ այդ տեսքով։ Մնում էր մի բան՝ կորչել։ Փրփուրը պայթում և այրում էր մեջքը։ Ձեռքերի և ոտքերի վրա այն արդեն սառել էր, դարձել թեփի նման  և ձգում էր մաշկը, ածելիի քարի պես։
 +
 +
Այդպես անցավ կես ժամ։ Ինժեները քորվում էր գաջե պատերին, հառաչում էր և մի քանի անգամ ապարդյուն փորձ արեց դուռը կոտրելու։ Նա դարձել էր կեղտոտ և սարսափելի։
 +
 +
Շչուկինը որոշեց ինչ գնով էլ ուզում է լինի ինջնել ներքև, դռնապանի մոտ։
 +
 +
«Չէ, ուրիշ ելք չկա։ Միայն թաքնվել դռնապանի մոտ»։
 +
 +
Շնչակտուր լինելով և ձեռքերով այնպես պաշտպանվելով, ինչպես անում են տղամարդիկ ջուրը մտնելիս, Էռնեստ Պավլովիչը սկսեց դանդաղ, գողեգող իջնել ճաղաշարքի երկարությամբ։ Նա հայտնվեց ութերորդ և իններորդ հարկի միջև եղած հարթակի վրա։
 +
 +
Նրա կերպարանքը լուսավորվեց պատուհանի գույնզգույն ռոմբերով և քառակուսիներով։ Նա սկսել էր նմանվել Կոլոմբինայի և Միմոսի խոսակցությունը լսող Արլեկինին։ Նա արդեն թեքվել էր սանդուղքի նոր բացվածքը, երբ հանակարծ ներքևի բնակարանի դռան կողպեքը չխկաց և բնակարանից դուրս եկավ մի օրիորդ՝ բալետային ճամպրուկով։ Օրիորդը դեռ մի քայլ չէր արել, երբ Էռնեստ Պավլովիչը հայտնվեց նորից իր հարթակի վրա։ Սրտի ուժգին բաբախումից նա գրեթե խլացել էր։
 +
 +
Կես ժամից հետո միայն ինժեները ուշքի եկավ և կարողացավ իջնելու նոր փորձ անել։ Այս անգամ նա հաստատ որոշեց սրընթաց նետվել ներքև և, ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնելով, վազեվազ հասնել մինչև նվիրական դռնապանի սենյակը։
 +
 +
Նա այդպես էլ արավ։ Անձայն թռչելով չորսական աստիճան և մի թեթև ոռնալով, ինժեներների և տեխնիկների սեկցիայի բյուրոյի անդամը արշավեց ներքև։ Վեցերորդ հարկի հարթակի վրա մի վայրկյան կանգ առավ։ Այդ բանը կործանեց նրան։ Ներքևից մեկը բարձրանում էր։
 +
 +
― Անտանելի տղա, ― լսվեց կանացի մի ձայն, որը բազմապատիկ ուժեղանում էր սանդուղքային բարձրախոսով։ ― Քանի֊քանի անգամ ասել եմ ես նրան։
 +
 +
Էռնեստ Պավլովիչը, ենթարկվելով արդեն ոչ թե գիտակցությանը, այլ բնազդին, շներից հալածված կատվի նման ցատկեց իններորդ հարկը։
 +
 +
Հայտնվելով թաց հետքերով ապականված իր հարթակի վրա, նա անձայն լաց եղավ, քաշելով իր մազերից և ջղաձգորեն օրորվելով։ Տաք արցունքները խրվեցին սապնե կեղևի մեջ և նրանում երկու ալիքաձև ակոսներ բացեցին։
 +
 +
― Տե՜ր աստված, ― ասաց ինժեները։ ― Աստվա՜ծ իմ։ Աստվա՜ծ իմ։
 +
 +
Կյանք չկար։ Մինչդեռ նա որոշակի լսեց փողոցով անցնող բեռնատարի աղմուկը։ Նշանակում է՝ ինչ֊որ տեղ ապրում էին։
 +
 +
Նա մի քանի անգամ էլ դրդեց իրեն ներքև իջնելու, բայց չկարողացավ՝ նյարդերը տեղի տվեցին։ Նա ընկել էր դամբարանի մեջ։
 +
 +
― Խոզի պես կեղտոտ հետքեր են թողել իրենց հետևից, ― լսեց նա պառավական մի ձայն ներքևի հարթակից։
 +
 +
Ինժեները մոտ վազեց պատին և գլխով մի քանի անգամ հարու տվեց նրան։ Շատ խելացի կլիներ, իհարկե, բղավեր այնքան ժամանակ, մինչև որ մեկը գար և ապա եկողին գերի հանձնվեր։ Բայց Էռնեստ Պավլովիչը բոլորովին կորցրել էր կշռադատելու ընդունակությունը և, ծանր շնչելով, պտույտ էր գալիս հարթակակի վրա։
 +
 +
Ելք չկար։
 +
 +
 +
==Ավտոմոբիլիստների ակումբը==
 +
 +
 +
Ժողտան երկրորդ հարկում տեղավորված «Հաստոց» ամենօրյա թերթի խմբագրությունում շտապ նյութեր էին թխում շարել տալու համար։
 +
 +
Շարված, բայց թերթի անցած համարում չզետեղված նյութերից ընտրում էին թղթակցություններ և հոդվածներ, հաշվում էին նրանց տողերի քանակը և սկսվում էր ամենօրյա առևտուրը տեղի համար։
 +
 +
Թերթն իր չորս էջերում կարող էր տեղավորել ընդամենը 4400 տող։ Այստեղ պետք է մտներ ամեն ինչ՝ հեռագիր, հոդվածներ, մի չափածո ֆելիետոն և երկուսը՝ արձակ, ծաղրանկարներ, լուսանկարներ, հատուկ բաժիններ՝ թատրոն, սպորտ, շախմատ, առաջնորդող և ենթաառաջնորդող, սովետական, պարտիական և արհեստակցական կազմակերպությունների ծանուցումներ, շարունակաբար տպագրվող վեպ, գեղարվեստական ակնարկներ մայրաքաղաքի կյանքից, մանրուքներ՝ «Փշրանքներ» վերնագրի տակ, գիտա֊հանրամատչելի հոդվածներ, ռադիո և զանազան պատահական նյութեր։ Ընդամենը բաժիններից հավաքվում էր տասը հազար տող։ Ուստի և տեղերի բաշխումը էջերի վրա սովորաբար ուղեկցվում էր դրամատիկ տեսարաններով։
 +
 +
Խմբագրության քարտուղարի մոտ առաջինը վազեց շախմատի բաժնի վարիչ մաեստրո Սուդեյկինը։ Նա տվեց քաղաքավարի և դառնությամբ լեցուն մի հարց․
 +
 +
― Ինչպե՞ս։ Այսօր շախմատ չի՞ լինելու։
 +
 +
― Չի տեղավորվում, ― պատասխանեց քարտուղարը։ ― Պադվալը մեծ է։ Երեք հարյուր տող։
 +
 +
― Բայց չէ՞ որ այսօր շաբաթ է։ Ընթերցողը սպասում է կիրակնօրյա բաժնին։ Ես ունեմ խնդրի պատասխաններ։ Ես ունեմ Նեունիվակոյի հիանալի էտյուդը, վերջապես ես ունեմ․․․
 +
 +
― Լավ։ Որքա՞ն եք ուզում։
 +
 +
― Ոչ պակաս հարյուր հիսունից։
 +
 +
― Լավ։ Դե որ խնդրի պատասխաններ կան, վաթսուն տող կտանք։
 +
 +
Մաեստրոն փորձեց աղերսելով ձեռք բերել ևս երեսուն տող գոնե Նեունիվակոյի էտյուդի համար (Տարտակովեր֊Բոգոլյուբով հնդկական հիանալի պարտիան ամսից ավելի ընկած էր իր մոտ), բայց նրան մի կողմ հրեցին։
 +
 +
Եկավ ռեպորտյոր Պերսիցկին։
 +
 +
― Տպավորություններ պլենումից պե՞տք է տալ, ― հարցրեց նա շատ կամաց։
 +
 +
― Իհարկե, ― բղավեց քարտուղարը։ ― Դեռ նախանցյալ օրն ենք ասել։
 +
 +
― Նյութը կա, ― ասաց Պերսիցկին ավելի կամացուկ, ― և երկու ուրվանկար, բայց նրանք ինձ տեղ չեն տալիս։
 +
 +
― Ինչպե՞ս թե չեն տալիս։ Ո՞ւմ հետ եք խոսել։ Գժվե՞լ են, ինչ է։
 +
 +
Քարտուղարը վազեց կռվելու։ Նրա ետևից ինտրիգելով վազում էր Պերսիցկին, իսկ ամենից վերջում վազում էր հայտարարությունների բաժնի աշխատակիցը։
 +
 +
― Մենք սեկարյան հեղուկ ունենք, ― բղավում էր նա տխուր ձայնով։
 +
 +
Նրա ետևից վազում էր տնտեսվարը, իր ետևից քարշ տալով խմբագրի համար աճուրդից գնած փափուկ աթոռը։
 +
 +
― Հեղուկը երեքշաբթի։ Այսօր տպագրում ենք մեր հավելվածները։
 +
 +
― Շա՜տ փող եք վաստակելու ձեր այդ ձրի հայտարարություններից, մինչդեռ հեղուկի փողն արդեն ստացվել է։
 +
 +
― Լավ, գիշերային խմբագրության ժամանակ կպարզենք։ Հայտարարությունը հանձնեք Պաշային։ Նա հենց հիմա գնում է գիշերային խմբագրություն։
 +
 +
Քարտուղարը նստեց առաջնորդողը կարդալու։ Նրան անմիջապես կտրեցին այդ հրապուրիչ զբաղմունքից։ Եկավ նկարիչը։
 +
 +
― Ըհը, ― ասաց քարտուղարը, ― շատ լավ է։ Ծաղրանկարի թեմա կա՝ Գերմանիայից ստացված վերջին հեռագրերի կապակցությամբ։
 +
 +
― Ես այսպես եմ կարծում, ― վրա բերեց նկարիչը։ ― Պողպատե սաղավարտ և Գերմանիայի ընդհանուր դրությունը․․․
 +
 +
― Լավ։ Դուք ուրեմն որևէ կերպ համակցեք, իսկ հետո ցույց տվեք ինձ։
 +
 +
Նկարիչը գնաց իր բաժինը։ Նա վերցրեց մի քառակուսի վատմանի թուղթ և մատիտով ուրվագծեց նիհար մի շուն։ Շան գլխին հագցրեց գերմանական սաղավարտ՝ նիզակով։ Հետո սկսեց մակագրություններ անել։ Կենդանու մարմնի վրա տպագիր տառերով գրեց «Գերմանիա», ոլորուն պոչի վրա՝ «Դանցիգի կորիդոր», ծնոտի վրա՝ «Ռևանշի երազանքներ», վզնոցի վրա՝ «Դաուսեի պլանը» և դուրս գցած լեզվի վրա «Շրեզեման»։ Շան առջև նկարիչը դրեց Պուանկարեին՝ ձեռքին մի կտոր միս բռնած։ Նկարիչը մտադիր էր մսի վրա ևս մակագրություն անել, բայց կտորը փոքր էր և մակագրությունը չէր տեղավորվում։ Լրագրային ծաղրանկարչից ավելի քիչ հասկացող մարդը գլուխը կկորցներ, բայց նկարիչը առանց երկար ու բարակ մտածելու մսի վրա լրացուցիչ շշի բերանին կապած դեղատոմսի նման մի բան նկարեց և հենց նրա վրա մանր տառերով գրեց՝ «Անվտանգության երաշխիքների ֆրանսիական առաջարկությունները»։ Պուանկարեին որևէ ուրիշ պետական գործչի հետ չշփոթելու համար, նկարիչը նրա փորի վրա գրեց «Պուանկարե»։ Ճեպանկարը պատրաստ էր։
 +
 +
Նկարչական բաժնի սեղանների վրա ընկած էին արտասահմանյան ժուռնալներ, մեծ մկրատներ, տուշի և սպիտակ ներկի բանկաներ։ Հատակի վրա թափված էին լուսանկարների կտորտանքներ, ինչ֊որ մեկի ուսը, մեկի ոտքերը և բնանկարի պատառներ։
 +
 +
Հինգ նկարիչ «Ժիլետ» ածելու լեզվակներով լուսանկարներ էին քերում, պարզեցնելով նրանց, նկարներին ցայտունություն էին տալիս տուշով ու սպիտակ ներկով, և մյուս էջի վրա դնում էին մակագրությունն ու չափը․ 3¾ քառակուսի, երկու սյունակի և այլն ― ցուցումներ, որոնք անհրաժեշտ են ցինկոգրաֆիային։
 +
 +
Խմբագրի սենյակում նստել էր օտարերկրյա մի պատվիրակություն։ Խմբագրատան թարգմանիչը նայում էր խոսող օտարերկրացու դեմքին և, դիմելով խմբագրին, ասում էր․
 +
 +
― Ընկեր Առնոն ուզում է իմանալ․․․
 +
 +
Խոսակցություն էր գնում սովետական թերթի կառուոցվածքի մասին։ Մինչ թարգմանիչը կբացատրեր խմբագրին, թե ինչ կուզենար իմանալ ընկեր Առնոն, ինքը՝ թավշյա հեծանվային շալվարով Առնոն և մնացած բոլոր օտարերկրացիները հետաքրքրությամբ նայում էին N 86 գրչածայրով կարմիր գրչակոթին, որը դրված էր սենյակի անկյունում։ Գրչածայրը գրեթե հասնում էր առաստաղին, իսկ գրչակոթը իր լայն մասում միջին մարդու մարմնի հաստության էր։ Այդ գրչակոթով կարելի էր և գրել․ գրչածայրն իսկական էր, թեև իր մեծությամբ գերազանցում էր մեծ գայլաձուկին։
 +
 +
― Օհո֊հո, ― ծիծաղում էին օտարերկրացիները։ ― Կոլոսա՜լ։
 +
 +
Այդ գրչածայրը խմբագրությանն էր նվիրել բանթղթակիցների համագումարը։
 +
 +
Խմբագիրը, Վորոբյանինովի աթոռին նստած, ժպտում էր և, գլխով մերթ գրիչը, մերթ հյուրերին ցույց տալով, ուրախ֊ուրախ բացատրում էր։
 +
 +
Քարտուղարությունում ղալմաղալը շարունակվում էր։ Պերսիցկին բերեց Սեմաշկոյի հոդվածը, և քարտուղարն սկսեց երրորդ էջի մակետից շտապ ջնջել շախմատի բաժինը։ Մաեստրո Սուդեյկինն արդեն չէր պայքարում Նեունիվակոյի խնդիրների լուծումը։ Նա տքնում էր պահել գեթ խնդիրների լուծումը։ Ավելի լարված պայքարից հետո, քան էր նրա պայքարը Լասկերի հետ՝ Սան֊Սեբաստիանի տուրնիրում, մաեստրոն իր համար տեղ նվաճեց «Դատարան և կենցաղ»֊ի հաշվին։
 +
 +
Սեմաշկոն ուղարկեցին շարելու։ Քարտուղարը վերստին խորացավ առաջնորդողի մեջ։ Նա որոշեց ինչ գնով ուզում է լինի, թեկուզ սպորտային շահագրգռվածությունից, կարդալ առաջնորդը։
 +
 +
Երբ նա հասավ մինչև հետևյալ տեղը․ «Սակայն վերջին պակտի բովանդակությունը, այնպիսին է, որ եթե Ազգերի Լիգան գրանցի այն, ապա ստիպված ենք ընդունելու, որ․․․», նրան մոտեցավ «Դատարան ու կենցաղը», մազմզոտ մի մարդ։ Քարտուղարը շարունակում էր կարդալ, դիտմամբ չնայելով «Դատարան և կենցաղ»֊ի կողմը և անհրաժեշտ նշումներ անելով առաջնաորդողի վրա։
 +
 +
«Դատարանն ու կենցաղը» մոտեցավ մյուս կողմից և նեղացած ասաց․
 +
 +
― Ես չեմ հասկանում։
 +
 +
― Նու֊նու, ― փնթփնթաց քարտուղարը, ջանալով ձգձգել ժամանակը, ― ինչո՞ւմն է բանը։
 +
 +
― Բանն այն է, որ չորեքշաբթի «Դատարան ու կենցաղ» չկար, ուրբաթ «Դատարան ու կենցաղ չկար, հինգշաբթի օրը տպարանի մնացածից տեղավորեցին միայն ալիմենտի գործը, իսկ շաբաթ օրը հանում են պրոցեսը, որի մասին վաղուց արդեն գրում են բոլոր թերթերում, և միայն մենք ենք․․․
 +
 +
― Որտե՞ղ են գրում, ― գոռաց քարտուղարը։ ― Ես չեմ կարդացել։
 +
 +
― Վաղն ամենուրեք լույս կընծայեն, իսկ մենք դարձյալ կուշանանք։
 +
 +
― Իսկ երբ ձեզ հանձնարարեցին չուբարյան գործը, դուք ի՞նչ գրեցիք։ Մի տող անգամ դժվար էր ստանալ ձեզանից։ Ես գիտեմ։ Չուբարովցիների մասին դուրք գրում էիք երեկոյան թերթում։
 +
 +
― Որտեղի՞ց գիտեք։
 +
 +
― Գիտեմ։ Ինձ ասել են։
 +
 +
― Այդ դեպքում ես գիտեմ, թե ով է ձեզ ասել։ Ձեզ ասել է Պերսիցկին, այն Պերսիցկին, որն ամբողջ Մոսկվայի աչքի առջև օգտվում է խմբագրության ապարատով, որպեսզի նյութեր ուղարկի Լենինգրադ։
 +
 +
― Պա՛շա, ― կամացուկ ասաց քարտուղարը։ ― Կանչեցեք Պերսիցկուն։ «Դատարանն ու կենցաղը» անտարբեր նստել էր պատուհանի գոգին։ Նրա ետևում երևում էր պարտեզը, որտեղ իրենց գործով էին զբաղված թռչունները և գորոդկի խաղացողները։ Երկար քննեցին դատավեճը։ Քարտուղարը վերջ տվեց ճարպիկ եղանակով․ դեն նետեց շախմատը և տեղը դրեց «Դատարանն ու կենցաղը»։ Պերսիցկուն արվեց զգուշացում։
 +
 +
Խմբագրական աշխատանքի ամենաեռուն ժամանակն էր՝ ժամը հինգը։
 +
 +
Տաքացած գրամենքենաների վրա ծխի մշուշ էր կանգնած։ Աշխատակիցները շտապելուց թելադրում էին զզվելի ձայներով։ Ավագ մեքենագրուհին բղավում էր այն անպիտանների վրա, որոնք իրենց նյութերը աննկատելիորեն գցում էին հերթից դուրս։
 +
 +
Միջանցքում քայլում էր խմբագրության պոետը։ Նա սիրաբանում էր մեքենագրուհու հետ, որի համեստ ազդրերը սանձարձակում էին նրա պոետական զգացմունքները։ Նա տանում էր նրան միջանցքի ծայրը և պատուհանի տակ սիրո խոսքեր ասում, որին աղջիկը պատասխանւմ էր․
 +
 +
― Այսօր ես արտաժամյա աշխատանք ունեմ և խիստ զբաղված եմ։
 +
 +
― Այդ նշանակում էր, որ նա ուրիշի է սիրում։
 +
 +
Պոետն ընկնում էր ոտքի տակ և բոլոր ծանոթներին ապշեցուցիչ կերպով դիմում միատեսակ խնդրանքով։
 +
 +
― Տասը կոպեկ տվեք տրամվայի համար։
 +
 +
Այդ գումարի համար նա մտավ բանթղթակիցների բաժինը։ Թրև գալով սեղանների արանքում, որոնց շուրջը նստած աշխատում էին «կարդացողները», և շոշափելով թղթակցությունների կույտերը, պոետը վերականգնեց իր փորձերը։ Կարդացողները, խմբագրատան ամենամռայլ այդ մարդիկ (նրանց այդպես էր դարձրել օրական հարյուրական նամակ կարդալու անհրաժեշտությունը, նամակներ, որոնք խզմզված են ավելի շուտ կացնի, ներկարարի վրձնի կամ ձեռնասայլակի, քան գրության հետ ծանոթ ձեռքերով), լուռ էին։
 +
 +
Պոետը եղավ էքսպեդիցիայում և վերջիվերջո քոչեց գնաց գրասենյակ։ Բայց այնտեղ նա ոչ միայն չստացավ տասը կոպեկ, այլ նույնիսկ հարձակման ենթարկվեց կոմերիտական Ավդոտևի կողմից․ պոետին առաջարկեցին մտնել ավտոմոբիլիստների խմբակը։ Պոետի սիրահարված հոգին պատեց բենզինի մշուշը։ Նա երկու քայլ արեց մի կողմի վրա և, երրորդ արագություն վերցնելով, թաքնվեց աչքերից։
 +
 +
Ավդոտևը բնավ չվհատվեց։ Նա հավատում էր ավտոմոբիլային իդեայի հաղթանակին։ Քարտուղարությունում նա պայքար մղեց տկեվանց։ Հենց դա էլ խանգարեց քարտուղարին ավարտելու առաջնորդող հոդվածի ընթերցումը։
 +
 +
― Լսիր, Ալեքսանդր Յոսիֆովիչ։ Դու սպասիր, լուրջ գործ է, ― ասաց Ավդոտևը, նստելով քարտուղարի սեղանին։ ― Մեզանում կազմակերպվել է ավտոմոբիլային ակումբ։ Խմբագրությունը արդյոք փոխարինաբար մեզ չի՞ տա հինգ հարյուր ռուբլի՝ ութ ամսով։
 +
 +
― Կարող ես չկասկածել։
 +
 +
― Ի՞նչ։ Կարծում ես մեռա՞ծ գործ է։
 +
 +
― Չեմ կարծում, այլ գիտեմ։ Քանի՞ անդամ ունեք ձեր խմբակում։
 +
 +
― Արդեն շատ կան։
 +
 +
Խմբակը առայժմ բաղկացած էր միայն մեկ կազմակերպչից, բայց Ավդոտևը այդ մասին չէր ծավալվում։
 +
 +
― Հինգ հարյուր ռուբլով մենք «գերեզմանոցում» գնում ենք մեքենա։ Եգորովն արդեն լավ տնտղել է։ Նորոգումը, նրա ասելով, կարժենա հինգ հարյուր ռուբլուց ոչ ավելի։ Ընդամենը՝ հազար։ Ես էլ ահա մտածում եմ մի քսան հոգի հավաքել՝ ամեն մեկից հիսուն ռուբլի։ Բայց հիանալի բան կստացվի։ Մեքենա վարել կսովորենք։ Եգորովը մեր շեֆն է լինելու։ Եվ երեք ամիս հետո՝ օգոստոսի մոտերքը, մենք բոլորս արդեն վարել գիտենք, մեքենա կա, և ամեն մեկը հերթով մեկնում է՝ ուր սիրտն ուզում է։
 +
 +
― Իսկ գնելու հինգ հարյուր ռուբլի՞ն։
 +
 +
― Կտա փոխօգնության դրամարկղը տոկոսով։ Կվճարենք։ Հը, ինչ կասես, գրե՞ն քեզ։
 +
 +
Բայց քարտուղարն արդեն ճաղատ էր, շատ էր աշխատում, գտնվում էր ընտանիքի և բնակարանի իշխանության տակ, սիրում էր ճաշից հետո պառկել բազմոցի վրա և քնելուց առաջ կարդալ «Պրավդա»։ Նա մտածեց և հրաժարվեց։
 +
 +
― Դու, ― ասաց Ավդոտևը, ― ծեր ես։
 +
 +
Ավդոտևը մոտենում էր յուրաքանչյուր սեղանին և կրկնում իր կրակոտ ճառը։ Ծերունիների մոտ, որպիսիք նա համարում էր քսան տարեկանից բարձր բոլոր աշխատակիցներին, նրա խոսքերը կասկածելի էֆեկտ էին առաջացնում։ Նրանք սուտումուտ մահանաներով թթվադեմ հրաժարվում էին, շեշտելով, որ իրենք արդեն երեխաների բարեկամներ են և կանոնավոր կերպով տարեկան քսան կոպեկ են տալիս չքավոր երեխաներին օգնելու բարի գործին։ Նրանք, ճիշտն ասած, կհամաձայնեին նոր ակումբին անդամագրվելու, բայց․․․
 +
 +
― Էլ ի՞նչ «բայց», ― բղավում էր Ավդոտևը։ ― Եթե ավտոմոբիլը հենց այսօր ևեթ լինե՞ր։ Հա՞։ Եթե ձեր սեղանի վրա դնեն վեց ցիլինդրանոց կապտավուն «պակկարդ» տարեկան տասնհինգ կոպեկով, իսկ բենզինն ու քսանյութերը կառավարության հաշվի՞ն։
 +
 +
― Գնա, գնա, ― ասում էին ծերերը։ ― Հիմա վերջին նյութերն ենք ուղարկում, խանգարում ես աշխատելուն։
 +
 +
Ավտոմոբիլային գաղափարը մարում և սկսում էր ծխել։ Պերսիցկին դղրդոցով ետ ցատկեց հեռախոսից, լսեց Ավդոտևին և ասաց․
 +
 +
― Դու լավ չես մոտենում, թուղթը տուր ինձ։ Սկսենք սկզբից։
 +
 +
Եվ Պերսիցկին Ավդոտևի հետ միասին նոր շրջագայություն սկսեցին։
 +
 +
― Դու, քավթառ մատրաս, ― ասում էր Պերսիցկին կապտաչյա պատանուն, ― այդ բանի համար նույնիսկ փող չպետք է տաս։ Ունե՞ս քսանյոթ թվականի փոխառությունը։ Քանի՞ ռուբլու։ Հիսո՞ւն։ Ավելի լավ։ Դու այդ պարտատոմսը տալիս ես մեր ակումբին։ Պարտատոմսերից գոյանում է կապիտալ։ Օգոստոսին մենք կարող ենք պարտատոմսերը իրացնել և գնել ավտոմոբիլ։
 +
 +
― Իսկ եթե իմ պարտատոմսը շահի՞, ― պաշտպանվում էր պատանին։
 +
 +
― Իսկ որքա՞ն ես ուզում շահած լինել։
 +
 +
― Հիսուն հազար։
 +
 +
― Այդ հիսուն հազարով էլ ավտոմոբիլներ կգնվեն։ Եթե ես էլ շահեմ՝ նույնպես։ Ավդոտևը շահեց՝ նույնպես։ Մի խոսքով, ում պարտատոմսն էլ որ շահի, փողը գնում է մեքենաների գնելուն։ Հիմա հասկացա՞ր։ Ախմա՛խ։ Սեփական մեքենայով կգնաս Ռազմա֊Վիրական ճանապարհով։ Սարե՛ր։ Հիմա՛ր․․․ Իսկ քո ետևից սեփական մեքենաներով «Դատարնն ու կենցաղ»֊ն է գալիս, խրոնիկան, պատահարների բաժինը և այն դամոչկան, գիտել էլի, որը կինո է տալիս․․․ Հը՞։ Կսիրաբանե՞ս․․․
 +
 +
Ամեն մի պարտատոմս պահող իր հոգու խորքում չի հավատում շահելու հնարավորությանը։ Փոխարենը շատ խանդոտ է վերաբերվում իր հարևանների և ծանոթների պարտատոմսերին։ Նա կրակից ավելի է վախենում, որ նրանք կշահեն, իսկ ինքը, մշտապես ձախողակ մարդը նորից ձեռնունայն կմնա։ Ոստի հարևանի շահելու հույսը խմբագրության պարտատոմս պահողներին հրեց նոր ակումբի գիրկը։ Հուզում էր միայն այն վտանգը, որ ոչ մի պարտատոմս կարող է չշահել։ Բայց դա չգիտես ինչու քիչ հավանական էր թվում և, բայցի այդ ավտոմոբիլային ակումբը ոչինչ չէր կորցնում․ «գերեզմանոցից» մի մեքենա ապահովված էր պարտատոմսերից գոյացած կապիտալով։
 +
 +
Քսան հոգի հավաքագրվեց հինգ րոպեում։ Երբ գործը հաջող պսակված էր, եկավ քարտուղարը, որը լսել էր ավտոմոբիլային ակումբի հրապուրիչ հեռանկարների մասին։
 +
 +
― Ի՞նչ կասեք, տղերք, ― ասաց նա, ― ես էլ չգրվե՞մ։
 +
 +
― Գրվիր, ծերուկ, ինչո՞ւ չէ, ― պատասխանեց Ավդոտևը, ― միայն ոչ մեզ մոտ։ Մեզ մոտ, ցավոք սրտի, արդեն լրիվ կոմպլեկտ է և նոր անդամների ընդունելությունը դադարեցված է մինչև հազար ինը հարյուր քսանինը թվականը։ Բայց լավ կլինի անդամագրվես երեխաների բարեկամ։ Էժան է ու հանգիստ։ Տարեկան քսան կոպեկ և ոչ մի տեղ գնալու հարկ չկա։
 +
 +
Քարտուղարը տատանվեց, հիշեց, որ ինքն իսկապես որ ծեր է, հառաչեց և գնաց վերջացնելու հրապուրիչ առաջնորդողի ընթերցումը։
 +
 +
― Ասացեք, ընկեր, ― միջանցքում կանգնեցրեց նրան չերքեզի դեմքով մի գեղեցիկ տղամարդ, ― որտե՞ղ է այստեղ «Հաստոց» թերթի խմբագրությունը։
 +
 +
Դա մեծ կոմբինատորն էր։
 +
 +
 +
==Խոսակցություն մերկ ինժեների հետ==
 +
 +
 +
Օստապ Բենդերի խմբագրատանը  հայտնվելուն նախորդել էին մի շարք կարևոր դեպքեր։
 +
 +
Էռնեստ Պավլովիչին ցերեկը տանը չգտնելով (բնակարանը փակ էր, և տանտերը հավանորեն ծառայության մեջ), մեծ կոմբինատորը որոշեց մի քիչ ուշ այցելել նրան, իսկ մինչև այդ թրև էր գալիս քաղաքում։ Գործելու ծարավից հալ ու մաշ եղած, նա անցնում էր փողոցից փողոց, կանգ էր առնում հրապարակներում, աչքով էր անում միլիցիոներներին, դամաներին օգնում էր ավտոբուս նստելու և ընդհանրապես այնպիսի տեսք ուներ, ասես ամբողջ Մոսկվան իր հուշարձաններով, տրամվայներով, մոսսելպրոմուհիներով, եկեղեցիներով, կայարաններով և աֆիշաների մայթասյունիկներով հավաքվել էին նրա մոտ ընդունելության։ Նա ման էր գալիս հյուրերի մեջ, սիրալիր զրուցում նրանց հետ և ամեն մեկի համար մի ջերմ խոսք էր գտնում։ Այդպես մեծ քանակով այցելուների ընդունելությունը փոքր֊ինչ հոգնեցրել էր մեծ կոմբինատորին։ Բացի այդ, արդեն ժամը վեցն էր և պետք էր գնալ ինժեներ Շչուկինի մոտ։
 +
 +
Բայց ճակատագիրն այնպես տնօրինեց, որ նախքան Էռնեստ Պավլովիչի հետ տեսակցելը Օստապն ստիպված եղավ մի երկու ժամով ուշանալ փոքրիկ մի արձանագրություն ստորագրելու համար։
 +
 +
Թատերական հրապարակում մեծ կոմբինատորը ընկավ ձիու տակ։ Բոլորովին անսպասելի կերպով նրա վրա պրծավ սպիտակ գույնի երկչոտ մի կենդանի և ոսկրոտ կրծքով հրեց նրան։ Բենդերը վայր ընկավ, քրտնքի մեջ կորած։ Շատ շոգ էր։ Սպիտակ ձին բարձրաձայն ներողություն էր խնդրում։ Օստապն արագ ոտքի ելավ։ Նրա զորեղ մարմինը ոչ մի վնասվածք չէր ստացել։ Դրանով իսկ ավելի շատ պատճառներ և հնարավորություններ կային սկանդալի համար։
 +
 +
Մոսկվայի սիրալիր ու հյուրընկալ տիրոջը ճանաչել չէր կարելի։ Նա շորորալով մոտեցավ շփոթված ծեր կառապանին և բռունցքով հարվածեց նրա բամբակե մեջքին։ Ծերուկը համբերությամբ կրեց պատիժը։ Մոտ վազեց միլիցիոներ։
 +
 +
― Արձանագրությո՛ւն եմ պահանջում, ― պաթոսով բղավեց Օստապը։
 +
 +
Նրա ձայնի մեջ լսվում էին իր ամենանվիրական զգացմունքներում վիրավորված մարդու մետաղյա նոտաներ։ Եվ կանգնած Փոքր թատրոնի պատի տակ, հենց այնտեղ, որտեղ հետագայում կառուցվելու էր ռուս մեծ դրամատուրգ Օստրովսկու հուշարձանը, Օստապը ստորագրեց արձանագրությունը և մի փոքրիկ ինտերվյու տվեց վազած Պերսիցկուն։ Պերսիցկին չէր խորշում սև աշխատանքից։ Նա ճշտապահորեն գրի առավ ծոցատետրում տուժողի անունն ու ազգանունը և առաջ սլացավ։
 +
 +
Օստապը հպարտ ճանապարհ ընկավ։ Դեռևս վերապրելով սպիտակ ձիու հարձակումը և ուշացած ափսոսանք զգալով, որ չկարողացավ կառապանի վզակոթին ևս տալ, Օստապը երկուական աստիճան ցատկելով բարձրացավ Շչուկինի տան յոթերորդ հարկը։ Այստեղ մի ծանր կաթիլ ընկավ նրա գլխին։ Նա նայեց վերև։ Վերևի հարթակից կեղտոտ ջրի մի փոքրիկ ջրվեժիկ թափվեց ուղիղ նրա աչքերի մեջ։
 +
 +
«Այսպիսի կատակի համար քիթ ու մռութ պետք է ջարդել», ― որոշեց Օստապը։
 +
 +
Նա նետվեց վերև։ Շչուկինի բնակարանի դռան մոտ, մեջքով դեպի Օստապը նստել էր մի մերկ մարդ՝ սպիտակ թեփով ծածկված։ Նա ուղղակի նստել էր հախճասալերի վրա, գլուխը բռնած և օրորվելով։
 +
 +
Տկլորի շուրջը ջուր էր, որ լցվում էր բնակարանի դռան ճեղքի մեջ։
 +
 +
― Օ֊օ՜֊օ, ― հեծեծում էր տկլորը, ― օ֊օ֊օ․․․
 +
 +
― Ասացեք, այդ դո՞ւք եք ջուր լցնում այստեղ, ― հարցրեց Օստապը ջղայնացած։ ― Ի՞նչ լողանալու տեղ է սա։ Գժվե՞լ եք, ինչ է։
 +
 +
Տկլորը նայեց Օստապին և հեկեկաց։
 +
 +
― Լսեցե՛ք, քաղաքացի, լաց լինելու փոխարեն գուցե գնայիք բաղնիք։ Նայեք, թե ինչի եք նման։ Ուղղակի մի ինչ֊որ պիկադոր։
 +
 +
― Բանալին, ― բառաչեց ինժեները։
 +
 +
― Ի՞նչ բանալի։
 +
 +
― Բ֊նա֊կա֊րա֊նի։
 +
 +
― Որտեղ փողե՞րն են դրված։
 +
 +
Մերկ մարդը ապշեցուցիչ արագությամբ բխկացնում էր։
 +
 +
Ոչ մի բան չէր կարող շփոթեցնել Օստապին։ Նա սկսեց գլխի ընկնել։ Եվ երբ վերջապես գլխի ընկավ, քիչ մնաց ճաղաշարքից վայր ընկներ ծիծաղից, որի դեմ պայքարելը միևնույն է, անօգուտ էր։
 +
 +
― Ուրեմն դուք չե՞ք կարողանում մտնել բնակարան։ Բայց դա ախր շատ հասարակ բան է։
 +
 +
Աշխատելով չկեղտոտվել մերկին դիպչելուց, Օստապը մոտեցավ դռանը, ամերիկյան կողպեքի ճեղքը մտցրեց բութ մատի երկար ու դեղնավուն  եղունգը և սկսեց զգուշորեն պտտեցնել աջից ձախ և վերևից ներքև։
 +
 +
Դուռը անաղմուկ բացվեց, և տկլորը վայնասունով ներս վազեց հեղեված բնակարանը։
 +
 +
Աղմկում էին ծորակները։ Ճաշասենյակում ջուրը ջրապտույտ էր գոյացրել։ Ննջարանում այն կանգնել էր հանդարտ լճակի պես, որի վրա մեղմ, կարապային ընթացքով լողում էին գիշերվա հողաթափերը։ Թմրած ձկների երամիկի պես անկյունում կիտվել էին գլանակի մնացորդները։
 +
 +
Վորոբյանինովի աթոռը ճաշասենյակումն էր, որտեղ ամենից ուժեղ էր ջրի հոսանքը։ Նրա չորս ոտքերի շուրջը սպիտակ ալիքներ էին գոյացել։ Աթոռը մի թեթև ցնցվում էր և թվում էր, թե պատրաստվում է անմիջապես հեռանալ իր հետապնդողից։ Օստապը նստեց նրա վրա և ոտքերը կուչ ածեց։ Խելքը գլուխն եկած Էռնեստ Պավլովիչը «պարդոն, պարդոն» բղավելով, փակեց ծորակները, լվացվեց և մինչև գոտկատեղը մերկ, մինչև ծնկները վեր քշտած թաց շալվարով կանգնեց Բենդերի առջև։
 +
 +
― Դուք ինձ պարզապես փրկեցիք, ― հուզված բղավում էր նա։ ― Ներեցեք, չեմ կարող ձեզ ձեռք մեկնել, ― ամբողջովին թաց եմ։ Գիտեք, քիչ էր մնացել, որ գժվեի։
 +
 +
― Երևում է, բանն այդտեղ էր հասնելու։
 +
 +
― Ես սոսկալի վիճակում էի գտնվում։
 +
 +
Եվ Էռնեստ Պավլովիչը ահավոր պատահարը կրկին վերապրելով, մերթ մռայլվելով, մերթ ջղայնորեն ծիծաղելով, մեծ կոմբինատորին պատմեց իր գլխին եկած դժբախտության մանրամասնությունները։
 +
 +
― Եթե դուք չլինեիք, ես կորած էի, ― վերջացրեց ինժեները։
 +
 +
― Այո, ― ասաց Օստապը, ― ինձ հետ էլ նման մի դեպք է եղել։ Նույնիսկ մի քիչ ավելի վատ։
 +
 +
Ինժեներին այնքան էր հետաքրքրում այն ամենը, ինչ վերաբերում էր նման պատմություններին, որ նույնիսկ դեն նետեց դույլը, որով ջուր էր հավաքում և սկսեց լարված ուշադրությամբ լսել։
 +
 +
― Ճիշտ այնպես, ինչպես ձեզ հետ է եղել, ― սկսեց Բենդերը, ― միայն թե դա ձմեռն էր, և ոչ թե Մոսկվայում, այլ Միրգորոդում, տասնինը թվին, Մախնոյի և Տյուտյունիկի արանքումն ընկած ուրախ ժամանակամիջոցում։ Ես մի ընտանիքում էի ապրում։ Թունդ խախոլներ էին։ Տիպիկ սեփականատերեր, մի հարկանի տուն և բազում զանանզան հնոտիներ։ Պետք է նկատի ունենաք, որ կոյուղու և նման հարմարությունների տեսակետից Միրգորոդում միայն աղբահորեր կան։ Եվ ահա մի գիշեր շապկանց դուրս պրծա ուղիղ ձյան վրա, մրսելուց չէի վախենում ― րոպեական գործ էր։ Դուրս պրծա և մեքենայորեն դուռը չրխկացրի ետևիցս։ Սառնամանի՜ք ― քսան աստիճանի։ Դուռը թակում եմ՝ չեն բացում։ Տեղում կանգնել չի կարելի՝ կսառչես։ Թակում եմ ու վազվզում, թակում եմ ու վազվզում՝ չեն բացում։ Եվ որ գլխավորն է, տանը ոչ մի սատանա քնած չէ։ Ահավոր գիշեր է։ Շները ոռնում են։ Ինչ֊որ տեղ կրակում են։ Իսկ ես ամառվա վարտիքով վազվզում եմ ձնակույտերի մեջ։ Մի ամբողջ ժամ թակեցի։ Քիչ մնաց սատկեի։ Եվ գիտեք ինչո՞ւ չէին բացում։ Գույքն էին թաքցնում, կերենկաներ էին կարում բարձի մեջ։ Կարծում էին, թե խուզարկության են եկել։ Հետո քիչ մնաց, որ կոտորեի դրանց։
 +
 +
Այդ ամենը շատ մոտ էր ինժեների սրտին։
 +
 +
― Հա՛, ― ասաց Օստապը, ― ուրեմն այդ դո՞ւք եք ինժեներ Շչուկինը։
 +
 +
― Ես եմ։ Միայն թե շատ եմ խնդրում, ուրիշ ոչ ոքի չասեք։ Ճիշտն ասած, անհարմար է։
 +
 +
― Օ, խնդրե՜մ։ Անտր֊նու, տետ֊ա֊ տետ։ Չորս աչք, ինչպես ասում են ֆրանսիացիները։ Իսկ ես ձեզ մոտ գործով եմ եկել, ընկեր Շչուկին։
 +
 +
― Չափազանց ուրախ կլինեմ ձեզ ծառայելու։
 +
 +
― Գրան մերսի։ Դատարկ բան է։ Ձեր ամուսինը խնդրեց ինձ անցնել ձեզ մոտ և վերցնել ահա այս աթոռը։ Նա ասաց, թե աթոռը շատ պետք է զույգի համար։ Իսկ ձեզ համար ուղարկելու է բազկաթոռը։
 +
 +
― Խնդրե՜մ, ― բացականչեց Էռնեստ Պավլովիչը։ ― Ես շատ ուրախ եմ։ Եվ ի՞նչ կարիք կա ձեզ նեղություն տալ։ Ինքս կարող եմ տանել։ Այսօր ևեթ։
 +
 +
― Չէ, ինչո՞ւ։ Ինձ համար դա կատարելապես դատարկ բան է։ Ես մոտ եմ ապրում, ինձ համար դժվար չէ։
 +
 +
Ինժեները իրար անցավ և մեծ կոմբինատորին ուղեկցեց մինչև դուռը, որից նա սարսափում էր անցնել, թեև բանալին կանխատեսորեն դրված էր թաց շալվարի գրպանը։
 +
 +
 +
Նախկին ուսանող Իվանոպուլոյին նվիրաբերեցին ևս մի աթոռ։ Նրա պաստառը, ճիշտ է, փոքր֊ինչ վնասվել էր, բայց և այնպես դա հիանալի մի աթոռ էր, ընդ որում ճիշտ նման առաջինին։
 +
 +
Օստապին չանհանգստացրեց այս՝ հաշվով չորրորդ՝ աթոռի անհաջողությունը։ Նա ծանոթ էր բախտի բոլոր քմահաճույքներին։
 +
 +
Նրա հետևությունների կուռ սիստեմում մութ զանգվածի պես մեխվում էր միայն Հոկտեմբերյան կայարանի ապրանքային բակի խորքերը սուզված աթոռը։ Այդ աթոռի մասին եղած մտքերը տհաճ էին և ծանր տարակուսանքներ էին հարուցում։
 +
 +
Մեծ կոմբինատորը գտնվում էր այն ռուլետկա խաղացողի վիճակում, որը բացառապես դնում է համարների վրա, այն տիպի մարդկանց վիճակում, որոնք ուզում են միանգամից շահել դրածից երեսունվեց անգամ ավելին։ Դրությունը նույնիսկ ավելի վատ էր․ կոնցեսիոներները խաղում էին այնպիսի ռուլետկա, որտեղ տասներկուսից տասնմեկի վրա զրո էր գալիս։ Ասենք հենց տասներկուերորդ համարն էլ տեսադաշտից դուրս էր եկել, սատանան գիտե, թե ուր էր գտնվում, և հնարավոր է, որ իր մեջ թաքցնում էր հրաշալի շահումը։
 +
 +
Դառն խորհրդածությունների այդ շղթան կտրվեց գլխավոր դիրեկտորի գալով։ Արդեն նրա տեսքը միայն տհաճ զգացմունքներ հարուցեց Օստապի մեջ։
 +
 +
― Օհո՛, ― ասաց տեխնիկական դիրեկտորը։ ― Ես տեսնում եմ, որ ձեր գործերը հաջող են գնում։ Միայն թե ինձ հետ կատակ մի արեք։ Ինչո՞ւ աթոռը թողեցիք դռան հետևը։ Որպեսզի ծիծաղե՞ք ինձ վրա։
 +
 +
― Ընկեր Բենդեր, ― փնթփնթաց պարագլուխը։
 +
 +
― Ախ, ինչո՜ւ եք խաղում իմ ներվերի վրա։ Շուտ ներս բերեք աթոռը։ Դուք տեսնում եք, որ այս նոր աթոռը, որի վրա ես նստած եմ, բազմապատիկ ավելացրել է ձեր ձեռք բերածի արժեքը։
 +
 +
Օստապը գլուխը թեքեց մի կողմ և աչքերը կկոցեց։
 +
 +
― Մի տանջեք երեխային, ― բասեց նա, վերջապես։ ― Ո՞ւր է աթոռը։ Ինչո՞ւ չեք բերել։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի կցկտուր զեկուցումը ընդհատվում էր տեղից բացականչյություններով, հեգնական ծափահարություններով և նենգամիտ հարցերով։ Վորոբյանինովը իր զեկուցումը վերջացրեց աուդիտորիայի միահամուռ ծիծաղի տակ։
 +
 +
― Բա իմ հրահանգե՞րը, ― հարցրեց Օստապը սպառնալից։ ― Քանի ամգամ եմ ձեզ ասել, որ գողանալը մեղք բան է։ Դեռ այն ժամանակ, երբ դուք Ստարգորոդում ուզում էիք կողոպտել իմ կնոջը, մադամ Գրիցացուևային, դեռ այն ժամանակ ես հասկացա, որ դուք մանր քրեական բնավորություն ունեք։ Ամենաշատը, որին կարող է հանգեցնել ձեզ ձեր այդ ընդունակությունները՝ դա վեց ամիս է առանց խիստ մեկուսացման։ Մտքի գիգանտի և ռուսական դեմոկրատիայի հոր համար կարծես այնքան էլ մեծ մասշտաբ չէ, բայց ահա արդյունքները։ Աթոռը, որ ձեր ձեռքին էր, դուրս պրծավ։ Դա դեռ քիչ է, դուք փչացրիք հեշտ գործը։ Փորձեցեք երկրորդ անգամ այցելել նրան։ Ձեր գլուխը կպոկի այդ Աբեսալոմը։ Ձեր բախտից հիմար մի դեպք օգնել է ձեզ, թե չէ նստած կլինեիք վանդակի ետևում և զուր ինձանից հանձնուքի կսպասեիք։ Ես ձեզ հանձնուք բերողը չեմ, այդ մեկը ի նկատի ունեցեք։ Իմ ինչի՞ն է պետք Հեկուբան։ Վերջիվերջո, դուք ոչ իմ մայրն եք ո՛չ քույրը և ոչ էլ սիրուհին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը, գիտակցելով իր ամբողջ ոչնչությունը, կանգնել էր գլխահակ։
 +
 +
― Ահա թե ինչ, սիրելիս։ Ես տեսնում եմ մեր համատեղ աշխատանքի լիակատար անիմաստությունը։ Համենայն դեպս, ձեզ պես քիչ կուլտուրայի տեր կոմպանյոնի հետ քառասուն տոկոսի խաթեր աշխատելը աանհեթեթություն է թվում ինձ։ Կամա թե ակամա, բայց ես պետք է նոր պայմաններ դնեմ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը շունչ քաշեց։ Մինչ այդ նա աշխատում էր շունչ չքաշել։
 +
 +
― Այո, իմ հին բարեկամ, դուք հիվանդ եք կազմակերպական անզորությամբ և սպիտակախտությունով։ Դրան համապատասխան պակասում են ձեր փայլերը։ Ազնվորեն ուզո՞ւմ եք՝ քսան տոկոս։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը վճռականորեն գլուխը թափ տվեց։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ չեք ուզում։ Քի՞չ է։
 +
 +
― Քիչ է։
 +
 +
― Բայց չէ՞ որ դա երեսուն հազար է։ Բա ինչքա՞ն եք ուզում։
 +
 +
― Համաձայն եմ քառասունի։
 +
 +
― Օրը ցերեկով թալա՜ն, ― ասաց Օստապը, նմանեցնելով պարագլխի ձայնի ելևէջերին՝ դռնապանի սենյակում տեղի ունեցած պատմական սակարկության ժամանակ։ ― Երեսուն հազարը քի՞չ է ձեզ։ Ձեզ հարկավոր է նաև բնակարանի բանալի՞ն։
 +
 +
― Այդ ձեզ է հարկավոր բնակարանի բանալին, ― թոթվեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Վերցրեք քսան, քանի դեռ ուշ չէ, թե չէ կարող եմ մտադրությունս փոխել։ Օգտվեցեք այն բանից, որ ես լավ տրամադրության մեջ եմ։
 +
 +
Վորոբյանինովը վաղուց արդեն կորցրել էր իր այն ինքնագոհ տեսքը, որով մի ժամանակ սկսել էր ադամանդների որոնումները։
 +
 +
Սառույցը, որ շարժվել էր դեռ դռնապանի սենյակում, աղմկող, ճաքճքող և առափնյա գրանիտին զարնվող սառույցը վաղուց արդեն մանրացել և հալչել էր։ Սառույց արդեն չկար։ Կար միայն լայնորեն հորդացած ջուր, որն անփութորեն տանում էր Իպոլիտ Մատվեևիչին, մի կողմից մյուսը նետելով, զարկելով գերանին, մերթ հրելով իր աթոռների հետ, մերթ հեռացնելով այդ աթոռներից։ Անասելի վախ էր զգում Իպոլիտ Մատվեևիչը։ Ամեն ինչ վախեցնում էր նրան։ Գետով հոսում էին աղբ, նավթի մնացորդներ, ջարդոտած հավաբներ, սատկած ձուկ, ինչ֊որ մեկի սարսափելի շլյապան։ Գուցե դա տեր Ֆյոդորի շլապա՞ն էր, բադաձև կարտուզը, որ քամին Ռոստովում պոկել էր նրա գլխից։ Ո՞վ գիտե։ Ճանապարհի վերջը չէր երևում։ Ափին չէին հասնում, իսկ ազնվականության նախկին պարագլուխը հոսանքի դեմ լողալու ո՛չ ուժ ուներ, ո՛չ ցանկություն։
 +
 +
Նրան քշում֊տանում էր արկածների բաց ծովը։
 +
 +
 +
 +
==Երկու այցելություն==
 +
 +
 +
Բարուրը արձակած երեխայի նման, որը ոչ մի վայրկյան կանգ չառնելով սեղմում ու բացում է մեղրամոմե բռուցքները, շարժում տոտիկները, պտտեցնում խոշոր անտոնովկա խնձորի մեծության չեպչիկով գլուխը և բերանից փուչիկներ է բաց թողնում, Աբեսալոմ Իզնուրենկովը գտնվում էր մշտական շարժման վիճակում։ Նա շարժում էր չաղ ոտքերը, պտտեցնում սափրած կզակը, հոգոցներ էր հանում և մազմզոտ ձեռքերով այնպիսի շարժումներ անում, ասես ռետինների վրա մարմնամարզություն էր կատարում։
 +
 +
Նա շատ բազմահոգ կյանք էր վարում, հայտնվում էր ամենուրեք և ինչ֊որ բան էր առաջարկում, սուրալով փողոցներում վախեցած հավի պես, բարձրաձայն, արագ խոսում էր, ասես հաշվում էր երկաթածածկ քարե շենքի ապահովագինը։ Նրա կյանքի և գործունեության էությունը այն էր, որ օրգանապես չէր կարող մի րոպեից ավելի զբաղվել որևէ գործով, առարկայով կամ մտքով։
 +
 +
Եթե սրամտությունը դուր չէր գալիս և վայրկենապես ծիծաղ չէր հարուցում, Իզնուրենկովը ուրիշների պես չէր համոզում խմբագրին, թե սրամտությունը լավն է և լիովին գնահատելու համար փոքր֊ինչ խորհրդածել է պահանջում, նա անմիջապես նոր սրամտություն էր առաջարկում։
 +
 +
― Ինչ որ վատ է, վատ է, ― ասում էր նա, ― իհարկե։
 +
 +
Խանութներում Աբեսալոմ Վլադիմիրովիչն այնպիսի խառնաշփոթություն էր առաջացնում, այնպես արագ հայտնվում և անհետանում ապշած գործակատարների աչքերի առջև, այնպես էքսպանսիվորեն էր գնում մի տուփ շոկոլադը, որ գանձապահուհին սպասում էր ստանալ նրանից առնվազն երեսուն ռուբլի։ Բայց Իզնուրենկովը դրամարկղի առջև խունջիկ֊մունջիկ գալով և փողկապից քաշելով, ասես նրան խեղդում էին, ապակյա տախտակի վրա էր նետում մի ճխլտված երեքանոց և գոհունակությամբ մկկալով փախչում։
 +
 +
Եթե այդ մարդը կարողանար գոնե երկու ժամով կանգնեցնել իրեն, անսպասելի իրադարձություններ տեղի կունենային։
 +
 +
Կարող էր պատահել, որ Իզնուրենկովը նստեր սեղանի մոտ և մի հիանալի վիպակ գրեր, կամ միգուցե խնդրագիր փոխօգնության դրամարկղին՝ անվերադարձ գումար բաց թողնելու, կամ նոր կետ գրեր բնակարանային տարածություններով օգտվելու օրենքին, կամ մի գիրք՝ «Լավ հագնվելու և հասարակության մեջ իրեն պահելու հմտություն»։
 +
 +
Բայց նա դա անել չէր կարող։ Կատաղի աշխատող ոտքերը տանում էին նրան, շարժվող ձեռքերից փախչում էր մատիտը, միտքը սլանում էր նետի պես։
 +
 +
Իզնուրենկովը վազվզում էր սենյակում, և կահույքի կնիքները շարժվում էին, ինչպես պարող գնչուհու ականջօղեր։ Աթոռին նստել էր արվարձանից եկած ծիծաղելի մի աղջիկ։
 +
 +
― Ախ, ախ, ― ծվծվում էր Աբեսալոմ Վլադիմիրովիչը, ― աստվածայի՜ն է։ «Թագուհին իր ձայնով և հայացքով կենդանացնում է խնջույքը ճոխ․․․»։ Ախ, ախ։ Բա՛րձր դաս․․․ Դուք թագուհի Մարգոն եք։
 +
 +
Այդ ամենից ոչինչ գլուխ չհանող արվարձանի թագուհին հարգանքով ծիծաղում էր։
 +
 +
― Դե, շոկոլադ կերեք, ես ձեզ խնդրում եմ․․․ Ա՛խ, ա՛խ․․․ Սքանչելի՜ է։
 +
 +
Նա ամեն րոպե համբուրում էր թագուհու ձեռքը, հիանում նրա համեստ արդուզարդով, դեմ էր անում կատվին և շողոքորթելով հարցնում․
 +
 +
― Սա նման է թութակի, այնպես չէ՞։ Առյո՛ւծ է, առյո՛ւծ։ Իսկակա՛ն առյուծ։ Ասացե՛ք, սա իրո՞ք արտաքո կարգի թավամազ է։ Բա պո՛չը, պո՛չը։ Ասացեք, իրո՞ք սա մեծ պոչ է։ Ա՛խ։
 +
 +
Հետո կատուն թռավ մի անկյուն, և Աբեսալոմ Վլադիմիրովիչը, ձեռքը սեղմելով փափլիկ կաթնատու կրծքին, սկսեց պատուհանից գլուխ տալ ինչ֊որ մեկին։ Հանկարծ նրա հանդուգն գլխում ինչ֊որ կափույր չխկաց, և նա սկսեց զայրացուցիչ կերպով սրամտել իր հյուրի ֆիզիկական և հոգեկան հատկությունների առթիվ։
 +
 +
― Ասացեք, այս բրոշկան իրո՞ք ապակուց է։ Ախ, ախ։ Ի՜նչ փայլ․․․ Դուք ինձ կուրացրիք, ազնիվ խոսք․․․ Իսկ ասացեք, Փարիզն իրո՞ք մեծ քաղաք է։ Այնտեղ իսկապե՞ս Էֆելյան աշտարակ կա․․․ Ա՛խ, ա՛խ․․․ Ի՜նչ ձեռքեր․․․ Ի՜նչ քիթ․․․ Ա՛խ։
 +
 +
Նա չէր գրկում աղջկան։ Նա բավարարվում էր կոմպլիմենտներ անելով։ Եվ անընդհատ խոսում էր։ Խոսքերի հոսանքը ընդհատվեց Օստապի անսպասելի հայտնվելով։
 +
 +
Մեծ կոմբինատորը ձեռքին մի թուղթ էր խաղացնում․ նա խստորեն հարցրեց․
 +
 +
― Իզնուրենկովն այստե՞ղ է ապրում։ Այդ դուք եք որ կա՞ք։
 +
 +
Աբեսալոմ Վլադիմիրովիչը տագնապով նայեց այցելուի քարե դեմքին։ Նա ջանում էր նրա աչքերում կարդալ, թե ինչ պահանջ է հիմա ներկայացվելու․ արդյոք տուգա՞նք է դա՝ տրամվայում խոսակցության ժամանակ ապակին ջարդելու համար, ժողդատարանի ծանուցո՞ւմ՝ բնակարանային վարձը չտալու համար, թե՞ կույրերի ամսագրի բաժանորդագրության ընդունում։
 +
 +
― Սա ի՞նչ բան է, ընկեր, ― չոր֊չոր ասաց Բենդերը, ― բոլորովին անելու բան չէ՝ պետական ցրիչին վռնդելը։
 +
 +
― Ո՞ր ցրիչին, ― սարսափեց Իզնուրենկովը։
 +
 +
― Ինքներդ գիտեք՝ ո՛ր։ Հիմա ձեր կահույքը տանելու եմ։ Խնդրում եմ ձեզ, քաղաքացուհի, մաքրել աթոռը, ― խստորեն ասաց Օստապը։
 +
 +
Քաղաքացուհին, որի գլխին հենց նոր ամենալիրիկական պոետների բանաստեղծություններ էին կարդում, տեղից վեր կացավ։
 +
 +
― Ո՛չ, նստեցեք, ― բղավեց Իզնուրենկովը, իր մարմնով աթոռը ծածկելով։ ― Նրանք իրավունք չունեն։
 +
 +
― Իրավունքի մասին լավ կանեիք լռեիք, քաղաքացի։ Գիտակից պետք է լինել։ Ազատեցեք կահույքը։ Օրենքը պետք է պահպանել։
 +
 +
Այդ խոսքերով Օստապը ճանկեց աթոռը և թափահարեց օդում։
 +
 +
― Տանում եմ կահույքը, ― վճռաբար ասաց Օստապը։
 +
 +
― Ո՛չ, չեք տանի։
 +
 +
― Ինչպես թե չեմ տանի, ― քմծիծաղ տվեց Օստապը, աթոռի հետ միջանցք դուրս գալով, ― երբ իսկապես տանում եմ։
 +
 +
Աբեսալոմը համբուրեց թագուհու ձեռքը և գլխահակ վազեց խստապահանջ դատավորի ետևից։ Վերջինս արդեն իջնում էր սանդուղքով։
 +
 +
― Իսկ ես ասում եմ, որ իրավունք չունեք։ Օրենքով կահույքը կարող է երկու շաբաթ մնալ։ Իսկ մնացել է երեք օր միայն։ Միգուցե ես վճարելու եմ։
 +
 +
Իզնուրենկովը մեղվի պես պտույտ էր գալիս Օստապի շուրջը։ Այդ կերպ երկուսն էլ հայտնվեցին փողոցում։ Աբեսալոմ Վլադիմիրովիչը աթոռի ետևից վազեց մինչև անկյունը։ Այստեղ նա տեսավ աղբակույտի շուրջը թռչկոտող ճնճղուկներին։ Նա պայծառ աչքով նայեց նրանց, քթի տակ փնթփնթաց, ձեռքերն իրար զարկեց և ծիծաղելով արտասանեց․
 +
 +
― Բա՛րձր դաս։ Ախ, ախ․․․ Թեմայի ի՜նչ շրջադարձ։
 +
 +
Իզնուրենկովը, տարված թեմայի մշակությամբ, ուրախ֊զվարթ ետ վերադարձավ և սրարշավ վազեց տուն։ Աթոռի մասին նա հիշեց միայն տանը արվարձանի աղջկան սենյակի մեջտեղում կանգնած գտնելով։
 +
 +
Օստապը աթոռը կառքով տարավ տուն։
 +
 +
― Սովորեցե՛ք, ― ասաց նա Իպոլիտ Մատվեևիչին, ― աթոռը վերցված է մերկ ձեռքերով։ Ձրի։ Դուք հասկանո՞ւմ եք։
 +
 +
Աթոռը հերձելուց հետո Իպոլիտ Մատվեևիչը տխրեց։
 +
 +
― Շանսերը գնալով մեծանում են, ― ասաց Օստապը, ― իսկ փող ոչ մի կոպեկ։ Ասացեք, իսկ ձեր հանգուցյալ զոքանչը կատակել չէ՞ր սիրում։
 +
 +
― Ի՞նչ կա որ։
 +
 +
― Միգուցե, ոչ մի ադամանդ էլ չկա՞։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչն այնպես թափահարեց ձեռքերը, որ պիջակը վեր բարձրացավ։
 +
 +
― Այդ դեպքում ամեն ինչ հիանալի է։ Հուսանք, որ Իվանոպուլոյի գույքը կավելանա մի աթոռով միայն։
 +
 +
― Ձեր մասին, ընկեր Բենդեր, այսօր թերթում են գրել, ― շողոքորթությամբ ասաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Օստապը մռայլվեց։
 +
 +
Նա չէր սիրում, երբ մամուլը վայնասուն էր բարձրացնում նրա անվան շուրջը։
 +
 +
― Ինչե՞ր եք դուրս տալիս։ Ո՞ր թերթում։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հանդիսավոր կերպով բաց արեց «Հաստոցը»։
 +
 +
― Ահա այստեղ, «Օրվա պատահարներ» բաժնում։
 +
 +
Օստապը փոքր֊ինչ հանգստացավ, որովհետև վախենում էր այն թղթակցություններից, որոնք զետեղված էին լինում «Մեր մեխիկը» և «Չարարկողներին դատի տալ» մերկացնող բաժիններում։
 +
 +
Հիրավի «Օրվա պատահարներ» բաժնում նոնպարելով տպագրված էր․
 +
 +
::::::::::Ընկել է ձիու տակ
 +
 +
Երեկ Սվերդլովի հրապարակում N 8974 կառապանի ձիու տակ ընկավ քաղ․ Օ․ Բենդերը։ Տուժողը պրծավ մի թեթև վախով։
 +
 +
 +
― Այդ կառապանը պրծավ մի թեթև վախով և ոչ թե ես, ― փնթփնթալով նկատեց Օ․ Բենդերը։ ― Ապուշնե՛ր։ Գրում են հա գրում, իրենք էլ չգիտեն թե ինչ են գրում։ Ախ, հա՜։ Սա «Հաստոցն» է։ Շատ, շատ հաճելի է։ Դուք գիտեք, Վորոբյանինով, որ այս թղթակցությունը հավանորեն գրել են մեր աթոռի վրա նստած։ Զվարճալի՜ պատմություն է։
 +
 +
Մեծ կոմբինատորը մտքերի մեջ ընկավ։
 +
 +
Խմբագրություն այցելելու առիթը գտնված էր։
 +
 +
Քարտուղարից իմանալով, որ միջանցքի երկարությամբ աջ ու ձախ բոլոր սենյակները խմբագրությունն է զբաղեցնում, Օստապը հասարակ տեսք ընդունեց ու սկսեց իր շրջագայությունը խմբագրական շենքում․ անհրաժեշտ էր իմանալ, թե աթոռը որ սենյակումն էր գտնվում։
 +
 +
Նա խցկվեց տեխկոմի սենյակը, որտեղ արդեն երիտասարդ ավտոմոբիլիստների նիստ էր ընթանում, և որովհետև անմիջապես տեսավ, որ աթոռն այնտեղ չէ, քոչեց հարևան շենքը։ Գրասենյակում նա ձևացրեց, թե մակագրության է սպասում։ Բանթղթակիցների բաժնում նա տեղեկացավ, թե հայտարարության համաձայն այստեղ որտե՞ղ է մակուլատուրա վաճառվում։ Քարտուղարությունում հարց ու փորձ արեց բաժանորդագրման պայմանների մասին, իսկ ֆելիետոնիստների  սենյակում հարցրեց, թե որտեղ են հայտարարություն ընդունում փաստաթղթերի կորստյան մասին։
 +
 +
Այդ կերպ նա հասավ մինչև խմբագրի սենյակը։ Խմբագիրը կոնցեսիոն աթոռի վրա նստած բղավում էր հեռախոսի լսափողի մեջ։
 +
 +
Օստապին ժամանակ էր պետք՝ տեղանքը ուշադիր ուսումնասիրելու համար։
 +
 +
― Այստեղ, ընկեր խմբագիր, ինձ վրա իսկական զրպարտանք է տպագրված, ― ասաց Բենդերը։
 +
 +
― Ի՞նչ զրպարտանք, ― հարցրեց խմբագիրը։
 +
 +
Օստապը երկար ժամանակ շուռումուռ էր տալիս «Հաստոցի» օրինակը։ Դռանը ուշադիր նայելով, նա վրան տեսավ ամերիկյան կողպեք։ Եթե ապակուց մի փոքր կտոր կտրվի, ապա հեշտ կլինի ձեռքը ներս կոխել և դուռը ներսից բացել։
 +
 +
Խմբագիրը կարդաց Օստապի ցույց տված թղթակցությունը։
 +
 +
― Ինչի՞ մեջ եք զրպարտություն տեսնում, ընկեր։
 +
 +
― Ո՛նց թե։ Բա սա՞։
 +
 +
:::::::Տուժողը պրծավ մի թեթև վախով։
 +
 +
― Չեմ հասկանում։
 +
 +
Օստապը սիրալիր նայեց խմբագրին և աթոռին։
 +
 +
― Էդ էր պակաս, որ ես վախենայի ինչ֊որ մի կառապանից։ Խայտառակել եք ինձ ամբողջ աշխարհի առջև․ հերքում պետք է տալ։
 +
 +
― Ահա թե ինչ, քաղաքացի, ― ասաց խմբագիրը, ― ոչ ոք ձեզ չի խայտառակել, և նման դատարկ հարցերով մենք հերքումներ չենք տալիս։
 +
 +
― Է՛հ, միևնույն է, ես այս գործն այսպես թողնողը չեմ, ― ասաց Օստապը կաբինետից դուրս գալով։
 +
 +
Նա արդեն տեսել էր, ինչ իրեն պետք էր։
 +
 +
 +
==Կալանատան հիանալի զամբյուղը==
 +
 +
 +
Անցողիկ «Սրի ու խոփի» Ստարգորոդի բաժանմունքը «Բիստրոուպակի» տղերքի հետ երկարավուն հերթ ստեղծեցին «Խլեբոպրոդուկտի» ալրի կրպակի առջև։
 +
 +
Անցորդները կանգ էին առնում։
 +
 +
― Ինչի՞ համար եք հերթ բռնել, ― հարցնում էին քաղաքացիները։
 +
 +
Խանութի մոտ կանգնած տաղտկալի հերթի մեջ միշտ լինում է մի մարդ, որի խոսասիրությունը այնքան ավելի մեծ է լինում, որքան նա հեռու է կանգնած խանութի դռներից։ Իսկ ամենից հեռու կանգնած էր Պոլեսովը։
 +
 +
― Էս օրին էլ հասանք, ― ասում էր հրշեջ խմբի պետը, ― շուտով բոլորս էլ քուսպի կանցնենք։ Տասնինը թվին անգամ սրանից լավ էր։ Քաղաքում չորս օրվա ալյուր կա։
 +
 +
Քաղաքացիները կասկածամտորեն ոլորում էին բեղերը, վեճի էին բռնվում Պոլեսովի հետ և վկայակոչում «Ստարգորոդյան Պրավդան»։
 +
 +
Ապացուցելով Պոլեսովին, ինչպես երկու անգամ երկու՝ չորս, թե քաղաքում ինչքան ուզես ալյուր կա և որ խուճապ սարքելու հարկ չկա, քաղաքացիները վազում էին տուն, վերցնում ունեցած կանխիկ դրամը և միանում էին ալրի հերթին։
 +
 +
«Բիստրոուպակի» տղերքը խանութի ամբողջ ալյուրը գնելուց հետո անցան բակալեյա և ստեղծեցին թեյաշաքարային հերթ։
 +
 +
Երեք օրում Ստարգորոդը բռնվեց պարենային և ապրանքային ճգնաժամով։ Կոոպերացիայի և պետառևտրի ներկայացուցիչները առաջարկեցին, մինչև ճանապարհին եղած պարենամթերքի բացթողումը սահմանափակվել մեկական ֆունտ շաքարով և հնգական ֆունտ ալյուրով։
 +
 +
Հետևյալ օրը գտնվեց հակաթույնը։
 +
 +
Առաջինը շաքարի հերթ բռնեց Ալխենը։ Նրա ետևից կինը՝ Սաշխենը, Պաշա Էմիլևիչը, չորս Յակովլևիչները և բոլոր տասնհինգ խնամակալված պառավները իրենց քաթանե զգեստներով։ Ստարսպառկոոպի խանութներից կես փութ շաքար դուրս քաշելուց հետո Ալխենն իր հերթը տարավ մեկ ուրիշ կոոպերատիվ, ճանապարհին անիծելով Պաշա Էմիլևիչին, որը կարողացել էր խժռել իր ստացած մի ֆունտ շաքարավազը։ Պաշան շաքարը բլրաձև լցնում էր ափին և ուղարկում լայն բացած երախը։ Ալխենն ամբողջ օրը դրանով էր զբաղված։ Չորապակսորդից և քաշապակսորդից խուսափելու համար նա Պաշա Էմիլևիչին հանեց հերթից և օգտագործեց գնածը շուկա կրելու համար։ Այնտեղ Ալխենը քաշվելով մասնավոր խանութներին էր վերավաճառում ձեռք բերած շաքարը, ալյուրը, թեյն ու մարկիզետը։
 +
 +
Պոլեսովը հերթի էր կանգնում գլխավորապես սկզբունքից ելնելով։ Նա փող չուներ և միևնույն է՝ ոչինչ գնել չէր կարող։ Նա հերթից հերթ էր քոչում, ականջ էր դնում խոսակցություններին, սուր դիտողություններ էր անում, բազմանշանակալից բարձրացնում էր հոնքերը և մարգարեություն էր անում։ Նրա թերասությունների հետևանքն եղավ այն, որ քաղաքը լցրեցին լուրերով՝ ինչ֊որ Սարից ու Խոպանից եկած ընդհատակյա կազմակերպության մասին։
 +
 +
Նահանգապետ Դյադևը մի օրվա մեջ վաստակեց տասը հազար։ Թե որքան վաստակեց բորսային կոմիտեի նախագահ Կիսլյարսկին՝ իր կինն էլ չգիտեր։
 +
 +
Այն միտքը, որ ինքը պատկանում է գաղտնի ընկերությանը, հանգիստ չէր տալիս Կիսլյարկսուն։ Քաղաքում պտտվող լուրերը վերջնականապես ահաբեկեցին նրան։ Անքուն գիշեր անցկացնելուց հետո բորսային կոմիտեի նախագահը որոշեց, որ միայն անկեղծ խոստովանությունը կարող է կրճատել բանտարգելության ժամկետը։
 +
 +
― Լսիր, Հենրիետտա, ― ասաց նա կնոջը, ― ժամանակն է արդեն կտորեղենը աներձագի մոտ տեղափոխելու։
 +
 +
― Ի՞նչ է, գալո՞ւ են, ― հարցրեց Հենրիետտա Կիսլյարսկայան։
 +
 +
― Կարող են գալ։ Քանի որ երկրում առևտրի ազատություն չկա, ապա ես երբևէ նստելո՞ւ եմ թե չէ։
 +
 +
― Ուրեմն սպիտակեղենը պատրաստե՞մ։ Դժբա՜խտ իմ կյանք։ Շարունակ հանձնելիք տար։ Եվ ինչո՞ւ չես գնում սովետական ծառայության։ Չէ՞ որ աներձագդ պրոֆմիության անդամ է, և՝ ոչի՜նչ։ Իսկ սա անպայման ուզում է կարմիր վաճառական լինել։
 +
 +
Հենրիատտան չգիտեր, որ բախտն իր ամուսնուն դարձրել էր բորսային կոմիտեի նախագահ։ Ուստի և հանգիստ էր։
 +
 +
― Կարող է պատահել, որ գիշերելու չգամ, ― ասաց Կիսլյարսկին, ― այդ դեպքում դու վաղը հանձնելիքով եկ։ Միայն, խնդրում եմ, վարենիկներ չբերես։ Ի՞նչ բավականություն՝ սառը վարենիկներ ուտել։
 +
 +
― Գուցե հետդ պրիմո՞ւս վերցնես։
 +
 +
― Հենց էն է թո՜ւյլ են տալիս բանտախցում պրիմուս պահել։ Դեսը տուր իմ զամբյուղը։
 +
 +
Կիսլյարսկին կալանատան առանձին զամբյուղ ուներ։ Հատուկ պատվերով շինված այդ զամբյուղը միանգամայն ունիվերսալ էր։ Բաց արած վիճակում նա մահճակալ էր, կիսաբաց վիճակում՝ սեղան։ Բացի այդ, նա փոխարինում էր պահարանի, ուներ դարակներ, կեռիկներ և արկղներ։ Կինը ունիվերսալ զամբյուղի մեջ դրեց սառը ընթրիք և մաքուր սպիտակեղեն։
 +
 +
― Ինձ կարող ես չուղեկցել, ― ասաց փորձված ամուսինը։ ― Թե Ռուբենսը փողի ետևից գալու լինի, ասա, որ փող չկա։ Ցտեսություն։ Ռուբենսը կարող է սպասել։
 +
 +
Եվ Կիսլյարսկին դանդաղ և լուրջ քայլվածքով դուրս եկավ փողոց, ձեռքին բռնած կալանատան զամբյուղը։
 +
 +
― Այդ ո՞ւր, քաղաքացի Կիսլյարսկի, ― ձայն տվեց Պոլեսովը։
 +
 +
Նա կանգնել էր հեռագրասյան կողքին և ճիչերով քաջալերում էր կապի բանվորին, որը երկաթյա ճանկերով սյանը կառչած մագլցում էր դեպի մեկուսիչները։
 +
 +
― Գնում եմ խոստովանելու, ― պատասխանեց Կիսլյարսկին։
 +
 +
― Ի՞նչը։
 +
 +
― Սուրն ու խոփը։
 +
 +
Վիկտոր Միխայլովիչի լեզուն բռնվեց։ Իսկ Կիսլյարսկին ցցելով ձվանման  փորը, որի վրա կապած էր ամառանոցային գոտի՝ ժամացույցի փոքրիկ գրպանով, անշտապ քայլերով գնաց նահանգային դատախազություն։
 +
 +
Վիկտոր Միխայլովիչը թևերը թափահարեց և թռավ Դյադևի մոտ։
 +
 +
― Կիսլյարսկին պրովոկատոր է, ― բղավեց հրշեջ խմբի պետը։ ― Հենց նոր գնաց մատնվելու։ Հրեն դեռ երևում է։
 +
 +
― Ինչպե՞ս։ Զամբյուղն էլ հե՞տն էր, ― սարսափեց Ստարգորոդի նահանգապետը։
 +
 +
― Հետն էր։
 +
 +
Դյադևը համբուրեց կնոջը, բղավեց, թե բան է՝ Ռուբենսը գալու լինի, փող չտալ նրան, և գլխապատառ դուրս վազեց փողոց։ Վիկտոր Միխայլովիչը շուռումուռ եկավ, հառաչեց ու կչկչաց ձու ածող հավի նման և վազ տվեց Վլադյայի ու Նիկեաշայի մոտ։
 +
 +
Այդ միջոցին քաղաքացի Կիսլյարսկին, դանդաղ զբոսնելով, մոտենում էր դատախազությանը։ Ճանապարհին նա հանդիպեց Ռուբենսին և երկար խոսեց նրա հետ։
 +
 +
― Բա փո՞ղը, ― հարցրեց Ռուբենսը։
 +
 +
― Փողի համար կգնաք կնոջս մոտ։
 +
 +
― Իսկ դուք ինչո՞ւ եք զամբյուղով, ― տարակուսած հարցրեց Ռուբենսը։
 +
 +
― Բաղնիս եմ գնում։
 +
 +
Է՛, թող անուշ լինի։
 +
 +
Ապա Կիսլյարսկին մտավ նախկին «Բոնբոն դե Վարսովի»֊ն, ներկայումս սպառկոոպի հրուշակարանը, մի գավաթ սուրճ խմեց և կերավ շերտակարկանդակ։ Ժամանակն էր գնալու խոստովանելու։ Բորսային կոմիտեի նախագահը մտավ նահանգային դատախազության ընդունարանը։ Այնտեղ դատարկություն էր։ Կիսլյարսկին մոտեցավ դռանը, որի վրա գրված էր՝ «Նահանգային դատախազ» և քաղաքավարի թակեց։
 +
 +
― Կարելի՛ է, ― պատասխանեց Կիսլյարսկուն քաջ ծանոթ ձայնը։
 +
 +
Կիսլյարսկին ներս մտավ և զարմանքից կանգ առավ։ Նրա ձվանման փորը ձեռաց ներս ընկավ և թոռոմեց խուրմայի պես։ Այն, ինչ նա տեսավ, բոլորովին անսպասելի էր իր համար։
 +
 +
Գրասեղանը, որի ետևում նստած էր դատախազը, շրջապատել էին «Սրի և խոփի» հզոր կազմակերպության անդամները։ Դատելով նրան ձեռքերի շարժուձևերից և լալկան ձայներից, նրանք ամեն ինչ խոստովանում էին։
 +
 +
― Ահա նա, ― բացականչեց Դյադևը, ― ամենագլխավոր օկտյաբրիստը։
 +
 +
― Նախ և առաջ, ― ասաց Կիսլյարսկին, վայր դնելով կալանատան զամբյուղը և սեղանին մոտենալով, ― նախ և առաջ ես օկտյաբրիստ չեմ, հետո ես միշտ էլ համակրել եմ սովետական իշխանությանը, և երկրորդ՝ գլխավորը ես չեմ, այլ ընկեր Չարուշնիկովը, որի հասցեն․․․
 +
 +
― Կարմիրբանակայի՛ն, ― բղավեց Դայդևը։
 +
 +
― Համար երեք, ― խմբովին տեղեկացրին Վլադյան ու Նիկեշան։
 +
 +
― Մտնել բակ և ձախ, ― ավելացրեց Վիկտոր Միխալովիչը, ― ես կարող եմ ցույց տալ։
 +
 +
Քսան րոպե անց բերեցին Չարուշնիկովին, որը նախ և առաջ հայտարարեց, որ կաբինետում ներկա եղողներից ոչ ոքի կյանքում երբեք չի տեսել։ Դրանից անմիջապես հետո, ոչ մի ընդմիջում չտալով, Չարուշնիկովը մատնեց Ելենա Ստանիսլվովնային։
 +
 +
Բորսային կոմիտեի նախագահը միայն բանտախղցում իրեն թեթև ու հանգիստ զգաց, երբ սպիտակեղենը փոխեց և մեկնվեց կալանատան զամբյուղի վրա։
 +
 +
Մադամ Գրիցացուևա֊Բենդերը ճգնաժամի օրերին կարողացել էր իր խանութի համար առնվազն չորս ամսվա ուտելեղեն և ապրանք մթերել։ Հանգստանալով, նա նորից սկսեց կարոտել իր ջահել ամուսնուն, որը տառապում էր Փոքր Ժողկոմխորհի նիստերին։ Գուշակուհուն այցելելը չհանգստացրեց նրան։
 +
 +
Ելենա Ստանիսլավովնան, Ստարգորոդի ամբողջ արեոպագի անհտացումից անհանգստացած, վրդովեցուցիչ անփությությամբ թուղթ էր բաց անում։ Թուղթը մերթ աշխարհի կործանում էր գուշակում, մերթ ռոճիկի ավելացում, մերթ ամուսնու հետ տեսակցություն պետական շենքում, անբարյացակամի ՝ ագռավի թագավորի՝ ներկայությամբ։
 +
 +
Բայց հենց այդ գուշակումը շատ տարօրինակ վախճան ունեցավ։ Եկան ագենտները՝ ագռավի թագավորները՝ և գուշակուհուն տարան պետական շենք՝ դատախազի մոտ։
 +
 +
Թութակի հետ մենակ մնալով, այրին շփոթված պատրաստվում էր հեռանալ, երբ հանկարծ թութակը կտուցը խփեց վանդակին և կյանքումն առաջին անգամ խոսեց մարդկային լեզվով։
 +
 +
― Էս օրին էլ հասանք, ― ասաց նա խայթիչ տոնով, գլուխը ծածկեց թևով և կռնատակից մի փետուր պոկեց։
 +
 +
Մադամ Գրիցացուևա֊Բենդերը վախից նետվեց դեպի դռները։
 +
 +
Նրա ետևից հասնում էին կրակոտ կցկտուր խոսքեր։ Հին թռչունը այնպես էր շշմել ագենտների այցելություններից և տիրուհուն պետական տուն տանելուց, որ սկսեց բղավել բոլոր իրեն ծանոթ բառերը։ Նրա ռեպերտուարում ամենամեծ տեղը գրավում էր Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը։
 +
 +
― Բացակայության առկայության դեպքում, ― ջղայնացած ասում էր թռչունը։
 +
 +
Եվ, թառի վրա գլուխկոնծի տալով, աչքով արեց դռների մոտ քարացած այրուն, կարծես ասելով․ «Հը, ինչպե՞ս է դուր գալիս ձեզ, որբև այրի՛»։
 +
 +
― Մա՛յր իմ, ― հառաչեց Գրիցացուևան։
 +
 +
― Ո՞ր գնդում էիք ծառայում, ― հարցրեց թութակը Բենդերի ձայնով։ ― Կռ֊ռ֊ռ֊ռ֊ախ․․․ Եվրոպան մեզ կօգնի։
 +
 +
Այրու փախչելուց հետո թութակը հարդարեց իր կրծկալը և ասաց այն խոսքերը, որ երեսուն տարի շարունակ փորձում էին դուրս քաշել նրանից․
 +
 +
― Պո՛պկա հիմար։
 +
 +
Այրին վազում էր փողոցով՝ ձայնը գլուխը գցած։ Իսկ տանը նրան սպասում էր թեթևսոլիկ մի ծերուկ։
 +
 +
Դա Վարֆոլոմեիչն էր։
 +
 +
― Հայտարարությունով եմ եկել, ― ասաց Վարֆոլոմեիչը, ― երկու ժամ սպասում եմ, օրիորդ։
 +
 +
Նախազգացման ծանր սմբակը հարվածեց Գրիցացուևայի սրտին։
 +
 +
― Օ՜խ, ― ծոր տվեց այրին։ ― Հոգիս մաշվե՜ց։
 +
 +
― Ձեզանից կարծեմ, գնացել է քաղաքացի Բե՞նդերը։ Դուք հայտարարություն եք տվել։
 +
 +
Այրին ընկավ ալրի պարկերի վրա։
 +
 +
― Ի՜նչ թույլ կազմվածք ունեք, ― անուշ ձայնով ասաց Վարֆոլոմեիչը։ ― Ես ամենից առաջ կուզենայի վարձատրման հարցը պարզել․․․
 +
 +
― Օ՜խ․․․ Ամեն ինչ վերցրեք։ Ոչինչ հիմա չեմ ափսոսում, ― սգում էր զգայուն այրին։
 +
 +
― Այսպես ուրեմս։ Ինձ հայտնի է ձեր զավակի՝ Օ․ Բենդերի ուր լինելը։ Ի՞նչ վարձատրություն կլինի։
 +
 +
― Ամեն ինչ վերցրեք, ― կրկնեց այրին։
 +
 +
― Քսան ռուբլի, ― չոր֊չոր ասաց Վարֆոլոմեիչը։
 +
 +
Այրին վեր կացավ պարկերի վրայից։ Նա ալրոտվել էր և ուժեղ թարթում էր ալրոտած թերթերունքները։
 +
 +
― Որքա՞ն, ― վերստին հարցրեց նա։
 +
 +
― Տասնհինգ ռուբլի, ― գինն իջեցրեց Վարֆոլոմեիչը։
 +
 +
Նա զգում էր, որ այդ դժբախտ կնոջից երեք ռուբլի պոկելն էլ դժվար է։
 +
 +
Այրին պարկերը կոխկռտելով, մոտենում էր ծերունուն, վկայության էր կանչում երկնային ուժերին և նրաց օգնությամբ հաստատուն գին սահմանեց։
 +
 +
― Էհ, ինչ արած, աստված ձեզ հետ, թող լինի հինգ ռուբլի։ Միայն խնդրում եմ փողն առաջուց։ Էդ սկզբունքն ունեմ ես։
 +
 +
Վարֆոլոմեիչը հուշատետրից հանեց լրագրի երկու կտրվածք և ձեռքից բաց չթողնելով սկսեց կարդալ։
 +
 +
― Այ բարեհաճեցեք հերթով նայել։ Դուք ուրեմն գրել էիք․ «Աղաչում եմ․․․ տանից գնացել է ընկեր Բենդերը․․․ կանաչ կոստյում դեղին կոշիկներ, երկնագույն ժիլետ․․․»։ Ճի՞շտ է։ Սա ուրեմս «Ստարգորոդյան Պրավդան»։ Բայց ահա թե ինչ են գրում ձեր զավակի մասին մայրաքաղաքի թերթերում։ Ահա՛․․․ «ԸՆկել է ձիու տակ․․․»։ Դուք շատ էլ դարդ մի անեք, մադամոչկա, դենը լսեցեք․․․ «Ընկել է ձիու տակ․․․»։ Կենդանի՛ է, կենդանի։ Ասում եմ ձեզ, կենդանի է։ Բա ես հանգուցյալի համար փող կվերցնեի՞։ Այսպես ուրեմս․ «Ընկել է ձիու տակ։ Երեկ Սվերդլովի հրապարակում N 8974 կառապանի ձիու տակ ընկավ քաղաքացի Օ․ Բենդերը։ Տուժողը պրծավ մի թեթև վախով․․․»։ Այ ուրեմն էս փաստաթղթերը տրամադրում եմ ձեզ, իսկ դուք առաջուց փող տվեք։ Ես էդ սկզբունքն ունեմ։
 +
 +
Այրին լացով տվեց փողը։ Ամուսինը, դեղին կոշիկներով իր սիրելի ամուսինը ընկած էր մոսկովյան հեռավոր հողի վրա, և կառապանի հրաշունչ ձին սմբակով խփում էր նրա երկնագույն գարուսե կրծքին։
 +
 +
Վարֆոլոմեիչի զգայուն հոգին բավարարվեց կարգին վարձատրությունով։ Նա գնաց, այրուն բացատրելով, թե ամուսնու լրացուցիչ հետքերը անտարակույս կգտնվեն «Հաստոց» թերթի խմբագրությունում, որոնց, իհարկե, ամեն ինչ հայտնի է աշխարհում։
 +
 +
 +
::::::::Տեր Ֆյոդորի նամակը
 +
 +
:::Գրված Ռոստովում, «Ծիր֊կաթին եռոցարանում,
 +
 +
::::իր կնոջը՝ գավառական N քաղաքում
 +
 +
 +
Իմ սիրելի Կա՛տյա։ Նոր դժբախտություն եկավ գլխիս, բայց այս մասին հետո։ Փողն ստացա միանգամայն ժամանակին, որի համար սրտագին շնորհակալություն եմ հայտնում։ Ռոստով հասնելուն պես գնացի ըստ հասցեի։ «Նովորոսցեմենտը» շատ մեծ հիմնարկություն է, այնտեղ ոչ ոք էլ ինժեներ Բռունսին չէր ճանաչում։ Ես այն է բոլորովին հուսահատվելու վրա էի, երբ ինձ գլխի գցեցին։ Գնացեք, ասացին, անձնական սեղան։ Գնացի։ «Հա, ― ասացին ինձ, ― մեզ մոտ էդպիսի մեկը ծառայել է, պատասխանատու աշխատանք էր կատարում, միայն թե, ասում են, անցած տարի գնացել է մեր մոտից։ Նրան գրավեցին տարան Բաքու, Ազերնեֆտում ծառայելու՝ տեխնիկայի անվտանգության գործով»։
 +
 +
Դե աղավնյակս, իմ ճամփորդությունը այնքան էլ կարճ չեղավ, որքան կարծում էինք։ Դու գրում ես, թե փողը սպառվելու վրա է։ Ինչ արած, Կատերինա Ալեքսանդրովնա։ Վախճանին քիչ մնաց սպասելու։ Զինվիր համբերությամբ և աստծուն աղոթելով ծախիր ուսանողական դիագոնալի մունդիրը։ Դեռ հալա շատ ծախսեր ունենք անելու։ Պատրաստ եղիր ամեն ինչի։
 +
 +
Ռոստովում սարսափելի թանկություն է։ Հյուրանոցի համարի համար վճարեցի 2 ռ․25կ․։ Մինչև Բաքու փողը կհերիքի։ Հաջողության դեպքում էստեղից կհեռագրեմ։
 +
 +
Եղանակներն էստեղ շոգ են։ Վերարկուն թևիս եմ կրում։ Վախենում եմ համարում թողնել՝ մեկ էր տեսար թռցրին։ Էստեղի ժողովուրդը երկյուղ չունի։
 +
 +
Ռոստով քաղաքն ինձ դուր չի գալիս։ Ազգաբնակչության քանակով և աշխարհաքաղաքան դիրքով նա զգալիորեն զիջում է Խարկովին։ Բայց ոչինչ, տիրուհիս, աստված տա, միասին Մոսկվա էլ կգնանք։ Այն ժամանակ կտեսնես․ միանգամայն արևմտաեվրոպական քաղաք է։ Իսկ հետո կապրենք Սամարայում, մեր գործարանի կողքին։
 +
 +
Վորոբայնինովը հետ չի՞ վերադարձել արդյոք։ Ո՞ր կողմերումն է հիմա թափառում։ Եվստեգնիևը դեռ ճաշո՞ւմ է մեզ մոտ։ Ի՞նչ վիճակումն է իմ փարաջան մաքրելուց հետո։ Բոլոր մեր ծանոթներին հավատացրու, իբր ես գտնվում եմ մորաքրոջս մահիճի մոտ։ Նույնը գրւր և Գուլենկային։
 +
 +
Հա՛։ Քիչ մնաց մոռանայի քեզ պատմելու այսօր ինձ հետ պատահած ահավոր դեպքի մասին։
 +
 +
Հիանալով խաղաղ Դոնով, կանգնել էի կամրջի մոտ ու երազում էի մեր ապագա լիության մասին։ Մեկ էլ քամի բարձրացավ և քո հացթուխ եղբոր գլխարկը տարավ գցեց գետը։ Էնպես էլ չգտա։ Ստիպված նոր ծախս արի․ անգլիական կեպի գնեցի 2 ռ․50 կոպեկով։ Քո հացթուխ եղբորը ոչինչ մի ասա էս պատահարի մասին։ Համոզիր նրան, որ ես Վորոնեժում եմ։
 +
 +
Վատ է սպիտակեղենի բանը։ Իրիկունը լվանում եմ, իսկ որ չի չորանում, առավոտը թաց֊թաց հագնում եմ։ Ներկա շոգի պայմաններում դա նույնիսկ հաճելի է։
 +
 +
Գրկում և համբուրում եմ քեզ։
 +
 +
::::::::Հավետ քո ամուսին Ֆեդյա
 +
 +
 +
==Հավիկը և խաղաղօվկիանոսյան աքլորը==
 +
 +
 +
Ռեպորտյոր Պերսիցկին եռանդուն կերպով պատրաստվում էր մեծ մաթեմատիկոս Իսահակ Նյուտոնի երկհարյուրամյա հոբելյանին։
 +
 +
Աշխատանքի թեժ պահին ներս մտավ «Գիտության և կայնք»֊ի Ստյոպան։ Նրա ետևից քարշ էր գալիս մի չաղ քաղաքացուհի։
 +
 +
― Լսեցե՛ք, Պերսիցկի, ― ասաց Ստյոպան, ― այս քաղաքացուհին ձեզ մոտ է եկել գործով։ Եկեք այստեղ, քաղաքացուհի․ այս ընկերը ձեզ կբացատրի։
 +
 +
Ստյոպան ծիծաղելով փախավ։
 +
 +
― Հը, ― հարցրեց Պերսիցկին։ ― Ի՞նչ կասեք։
 +
 +
Մադամ Գրիցացուևան (դա նա էր) իր քնքշանվաղ աչքերը հառեց ռեպորտյորի վրա և լուռումունջ մի թուղթ մեկնեց նրան։
 +
 +
― Այդպես, ― ասաց Պերսիցկին, ― ․․․ ընկել է ձիու տակ․․․ պրծել է մի թեթև վախով․․․ Ինչո՞ւմն է բանը։
 +
 +
― Հասցեն, ― աղերսագին խնդրեց այրին, ― չի՞ կարելի հասցեն իմանալ։
 +
 +
― Ո՞ւմ հասցեն։
 +
 +
― Օ․ Բենդերի։
 +
 +
― Ես որտեղի՞ց իմանամ։
 +
 +
― Այ էն ընկերն էր ասում, որ դուք գիտեք։
 +
 +
― Ես ոչինչ չգիտեմ։ Դիմեցեք հասցեների սեղան։
 +
 +
― Բայց, միգուցե, հիշեք, ընկեր։ Դեղին կոշիկներով։
 +
 +
― Ինքս էլ դեղին կոշիկներով եմ։ Մոսկվայում երկու հարյուր հազար մարդ դեղին կոշիկներով են ման գալիս։ Գուցե ուզենա՞ք իմանալ նրանց հասցեները։ Այդ դեպքում խնդրեմ։ Ես ամեն տեսակ աշխատանք կթողնեմ և կզբաղվեմ այդ գործով։ Կես տարուց հետո դուք ամեն բան կիմանաք։ Ես զբաղված եմ, քաղաքացուհի։
 +
 +
Բայց այրին, որը մեծ հարգանքով լցվեց դեպի Պերսիցկին, քայլում էր նրա ետևից միջանցքում և, օսլայած ներքնազգեստը խշխշացնելով, կրկնում էր խնդրանքը։
 +
 +
«Սրիկա Ստյոպա, ― անցավ Պերսիցկու մտքով։ ― Դե լավ, ես նրա վրա բաց կթողնեմ հավիտենական շարժման գյուտարարին, նոր կտեսնեմ, թե ոնց վեր֊վեր կթռչի»։
 +
 +
― Դե ես ի՞նչ կարող եմ անել, ― ջղայնացած հարցրեց Պերսիցկին, այրու առջև կանգ առնելով։ ― Ես որտեղի՞ց կարող եմ իմանալ քաղաքացի Օ․ Բենդերի հասցեն։ Ես նրան տակով անող ձի՞ն եմ, ինչ է։ Թե՞ կառապանը, որի մեջքին նա խփեց իմ աչքի առջև․․․
 +
 +
Այրին պատասխանում էր անորոշ քրթմնջոցով, որից կարելի էր ջոկել միայն «ընկեր» և «շատ եմ․․․» բառերը։
 +
 +
Ժողտան պարապմունքներն արդեն վերջացան։ Գրասենյակն ու միջանցքները դատարկվեցին։ Ինչ֊որ տեղ գրամեքենան ավարտում էր էջի տպագրությունը։
 +
 +
― Պարդոն, մադամ, դուք տեսնում եք, որ ես զբաղված եմ։
 +
 +
Այդ խոսքերով Պերսիցկին անհետացավ զուգարանում։ Տասը րոպե այնտեղ ման գալուց հետո, նա ուրախ֊զվարթ դուրս եկավ։ Գրիցացուևան համբերությամբ յուբկաներն էր շորորում երկու միջանցքների անկյունում։ Պերսիցկու մոտենալուն պես նորից խոսել սկսեց։
 +
 +
― Ահա թե ինչ, մորաքույր, ― ասաց նա, ― թող այդպես լինի, ես ձեզ կասեմ, թե որտեղ է ձեր Օ․ Բենդերը։ Ուղիղ գնացեք միջանցքով, հետո աջ թեքվեք և դարձյալ գնացեք ուղիղ։ Այնտեղ մի դուռ կլինի, հարցրեք Չերեպեննիկովին։ Նա պետք է որ իմանա։
 +
 +
Եվ Պերսիցկին, գոհ իր մոգոնածով, այնպես արագ չքվեց, որ օսլայած այրին չհասցրեց լրացուցիչ տեղեկություններ ստանալ։
 +
 +
Մադամ Գրիցացուևան յուբկաները կարգի բերելով գնաց միջանցքով։
 +
 +
Ժողտան միջանցքները այնքան նեղ ու երկար էին, որ գնացողները ակամայից արագացնում էին քայլերը։ Ուզածդ անցորդով կարելի էր իմանալ, թե որքան է անցել նա։ Եթե նա քայլում էր փոքր֊ինչ արագացրած քայլերով, նշանակում է՝ հենց նոր է սկսվել նրա երթը, երկու կամ երեք միջանցք անցածները միջին վարգ էին զարգացնում։ Իսկ երբեմն կարելի էր տեսնել գլխապատառ վազող մարդու՝ նա գտնվում էր հինգերորդ միջանցքի փուլում։ Իսկ թափով ութը միջանցք անցած քաղաքացին արագության մեջ հեշտ ու հանգիստ կարող էր մրցել թռչունի, մրցարշավի ձիու և աշխարհի չեմպիոն վազող Նուրմիի հետ։
 +
 +
Մադամ Գրիցացուևան, աջ թեքվելով, սկսեց վազել։ Պարկետը ճռճռում էր։
 +
 +
Արագ քայլերով նրան ընդառաջ էր գալիս երկնագույն ժիլետով և մորեգույն կոշիկներով թխահեր մի մարդ։ Օստապի դեմքից երևում էր, որ այս ուշ ժամին ժողտուն այցելելը կապված էր կոնցեսիայի արտակարգ գործերի հետ։ Ըստ երևույթին տեխնիկական ղեկավարի պլանների մեջ չէր մտնում իր սիրուհու հետ հանդիպումը։
 +
 +
Այրուն տեսնելուն պես Բենդերը շուռ եկավ և, առանց ետ նայելու, պատի երկարությամբ գնաց։
 +
 +
― Ընկեր Բենդեր, ― բղավեց այրին հրճվանքով, ― ո՞ւր։
 +
 +
― Սպասե՛ք, բան եմ ասելու, ― խնդրում էր այրին։
 +
 +
Բայց խոսքերը չէին հասնում Օստապի լսողությանը։ Նրա ականջներում արդեն երգում ու սուլում էր քամին։ Նա սլանում էր չորրորդ միջանցքով, ցատկոտում երկաթյա ներքին սանդուղքների բացվածքների վրայով։ Իր սիրուհուն նա թողեց միայն արձագանքը, որ երկար ժամանակ կրկնում էին նրա համար սանդուղքի աղմուկները։
 +
 +
― Շատ շնորհակալ եմ, ― փնթփնթում էր Օստապը, հինգերորդ հարկում նստած, ― ռանդեվույի ժամանակ է գտել։ Ո՞վ է այստեղ ուդարկել այդ կրակոտ տիկնոջը։ Ժամանակն է լիկվիդացնելու կոնցեսիայի մոսկովյան բաժանմունքը, թե չէ մեկ էլ տեսար միայնակ հուսարը եկավ մոտս, այն էլ մոտորով։
 +
 +
Այդ պահին մադամ Գրիցացուևան, Օստապից երեք հարկով, հազար դռնով և մի դյուժին միջանցքներով բաժանված, տակի յուբկայի փեշով սրբեց կարմրատակած երեսը և սկսեց որոնումները։ Սկզբում նա ցանկանում էր շտապ գտնել ամուսնուն և նրա հետ բացատրվել։ Միջանցքներում վառվեցին աղոտ լամպեր։ Բոլոր լամպերը, բոլոր միջանցքներն ու բոլոր դռները միանման էին։ Այրին սարսափեց։ Նա ցանկացավ հեռանալ։
 +
 +
Ենթարկվելով միջանցքային պրոգրեսիային, նա սլանում էր հետզհետե ուժեղացող արագությամբ։ Կես ժամ անց արդեն հնարավոր չէր կանգ առնել։ Նախագահությունների, քարտուղարությունների, տեղկոմների, կազմբաժինների և խմբագրությունների դռները դղրդյունով թռչում, անցնում էին նրա մեծածավալ մարմնի երկու կողմերով։ Վազելիս նա իր երկաթյա յուբկաներով դես ու դեն էր շպրտում կոթուկների աղբամանները։ Աղբամանները կաթսայական աղմուկով գլորվում էին նրա հետքերով։ Միջանցքների անկյուններում գոյանում էին պտուտահողմեր և ջրապտույտներ։ Շրխկում էին բացված օդանցքները։ Պատերին տրաֆարետով նկարած ցուցամատերը խրվում էին խեղճ ճամբորդուհու մեջ։
 +
 +
Վերջապես Գրիցացուևան ընկավ ներքին սադուղքի հարթակը։ Այնտեղ մութ էր, բայց այրին հաղթահարեց վախը, վազեց ներքև և քաշեց ապակեպատ դուռը։ Դուռը փակ էր։ Այրին ետ վազեց։ Բայց ինչ֊որ մեկի հոգատար ձեռքով փակվել էր նաև այն դուռը, որով նա հենց նոր անցել էր։
 +
 +
 +
Մոսկվայում սիրում են դռները փակել։
 +
 +
Հազարավոր շքամուտքեր ներսից մեխված են տախտակներով, և հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց բնակարաններն են անցնում ետևի դռնով։ Վաղուց անցել է տասնութ թվականը, վաղուց արդեն աղոտ հասկացողություն է դարձել «բնակարանի վրա հարձակվելը», քչացել է տնային շարժման պրոբլեմը, կառուցվում են վիթխարի էկեկտրակայաններ, գիտական մեծագույն հայտնություններ են արվում, բայց չկա մի մարդ, որն իր կյանքը նվիրի փակ դռների պրոբլեմը լուծելուն։
 +
 +
Ո՞վ է այն մարդը, որ լուծելու է կինեմատոգրաֆների, թատրոնների և կրկեսների առեղծվածը։
 +
 +
Երեք հազար մարդ երեք րոպեի ընթացքում կրկես են մտնելու մի փեղկով բացված միակ դռնով։ Մնացած տասը դռները, որոնք հատկապես շինվել են ժողովրդի հոծ բազմություններ թողնելու համար, փակ են։ Ո՞վ գիտե, թե ինչու են փակ նրանք։ Հնարավոր է, որ քսան տարի առաջ կրկեսի ախոռից գողացել են վարժեցրած մի ավանակ, և այդ օրվանից ահուդողով բռնված դիրեկցիան փակում է հարմար մուտքերն ու ելքերը։ Կամ մի գուցե օրերից մեկ օր միջանցուկ քամին բռնել է օդի նշանավոր արքային, և փակ դռները արքայի սարքած սկանդալի հեռավոր արձագանքն է միայն։
 +
 +
Թատրոններում և կինոներում հանդիսականներին դուրս են թողնում փոքրիկ խմբերով, իբր խռնումներից խուսափելու համար։ Խռնումներից խուսափելը  շատ հեշտ է՝ բավական է միայն առատորեն բացել ունեցած դռները։ Բայց դրա փոխարեն ադմինիստրացիան բռնի ուժ է գործադրում։ Կապելդիներները ձեռք֊ձեռքի բռնած կենդանի պատնեշ են սարքում և այդ կերպ հասարակությանը կես ժամից ավելի պահում են պաշարված վիճակում։ Իսկ դռները, դեռևս Պավել առաջինի օրոք փակված դռները, մինչև օրս էլ փակ են։
 +
 +
Տասնհինգ հազար ֆուտբոլասեներ, հավաքական Մոսկվայի կտրիճ խաղով գրգռված, ստիպված են դեպի տրամվայը գնալ այնքան նեղ ճեղքի միջով, որ թեթևակի զինած մի զորական կարող է այնտեղ պահել քառասուն հազար բարբարոսի, երկու պաշտպանողական աշտարակ զորավիգ ունենալով։
 +
 +
Սպորտային ստադիոնը կտուր չունի, բայց մի քանի դարբասներ կան։ Բաց է միայն դռնակը։ Կարելի է դուրս գալ միայն դարբասները ջարդելով։ Յուրաքանչյուր մեծ մրցությունից հետո դարբասները ջարդում են։ Բայց սրբազան տրադիցիաները պահպանելու հոգատարությամբ, ամեն անգամ դրանք նորոգում և պինդ փակում են։
 +
 +
Եթե արդեն ոչ մի հնարավորություն չի լինում դուռ կախելու (այդ լինում է այն ժամանակ, երբ կախելու տեղ չի լինում), գործի են դրվում ամեն տեսակի գաղտնի դռները․
 +
 +
1․ Արգելափակոցներ։
 +
 +
2. Ուղեփակեր։
 +
 +
3. Շուռ տված նստարաններ։
 +
 +
4. Արգելիչ մակագրություններ։
 +
 +
5. Թոկեր։
 +
 +
Արգելափակոցները շատ տարածված են հիմնարկություններում։
 +
 +
Նրանցով փակում են հարկավոր աշխատակցի մոտ գնալու մուտքը։
 +
 +
Այցելուն վագրի պես քայլում է արգելափակոցի երկարությամբ, ջանալով նշաններով իր վրա հրավիրել ուշադրությունը։ Այդ բանը միշտ չի հաջողվում։ Բայց միգուցե այցելուն օգտակար գյուտ է բերել։ Միգուցե ուզում է պարզապես եկամտահարկ վճարել։ Բայց արգելափակոցը խանգարեց՝ գյուտը մնաց անհայտ, և հարկը մնաց չվաճարված։
 +
 +
Ուղեփակը գործադրում են փողոցում։
 +
 +
Այն դնում են գարնանը աղմկոտ մագիստրալի վրա իբր մայթի նորոգումը մեկուսացնելու հաար։ Եվ աղմկոտ փողոցը մի ակնթարթում ամայանում է։ Անցորդները իրենց ուզած տեղերն են գնում ուրիշ փողոցներով։ Նրանք ստիպված են լինում օրական մի ավելորդ կիլոմետր քայլել, բայց թեթևաթև հույսը չի լքում նրանց։ Ամառն անցնում է։ Տերևները թոշնում են։ Իսկ ուղեփակը դեռ կանգնած է։ Նորոգում չի արված։ Փողոցն էլ ամայի է։
 +
 +
Շուռ տված պարտեզային նստարաններով փակում են մոսկովյան պուրակների մուտքերը, որոնք շինանրարների զայրացուցիչ անփութության հետևանքով պինդ դարբասնսեր չունեն։
 +
 +
Արգելիչ մակագրությունների մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել։ Բայց դա հիմա հեղինակների պլանի մեջ չի մտնում։
 +
 +
Այդ մակագրությունները լինում են երկու կարգի․ ուղղակի և անուղղակի։
 +
 +
Ուղղակիների թվին կարելի է դասել․
 +
 +
::::::::::::Մուտքը արգելվում է
 +
 +
:::::::::Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է
 +
 +
::::::::::::::Մուտք չկա
 +
 +
Այդօրինակ մակագրություններ երբեմն կախվում են հենց այն հիմնարկների դռներին, ուր հատկապես մեծ թվով մարդիկ են այցելում։
 +
 +
Անուղղակի մակագրություններն ավելի կործանարար են։ Նրանք մուտքը չեն արգելում, բայց և այնպես հազվադեպ խիզախը ռիսկ կանի օգտվելու իր իրավունքով։ Ահա այդ խայտառակ մակագրությունները․
 +
 +
:::::::::Առանց զեկուցման ներ չմտնել
 +
 +
:::::::::::Ընդունելություն չկա
 +
 +
:::::Քո այցելությամբ դու խանգարում ես զբաղված մարդկանց։
 +
 +
Այնտեղ ուր չի կարելի արգելափակոցներ կամ ուղեփակեր դնել, նստարանները շուռ տալ կամ արգելիչ մակագրություններ կախել ― այնտեղ թոկ են կապում։ Նրանք ներշնչմամբ կապվում են մարդկային կրծքի բարձրության վրա, գործը սահամանափակվում է թեթև վախով և փոքր֊ինչ ջղային ծիծաղով։ Իսկ կոճերի բարձրության կապված թոկը կարող է խեղդել մարդկանց։
 +
 +
Գետնի տա՛կն անցնեն դռները։ Գետնի տա՛կն անցնեն թատերական մուտքերի հերթերը։ Թո՛ւյլ տվեք մտնել առանց զեկուցման։ Աղերսում ենք՝ հանե՛ք ուղեփակը, որ անհոգ տնային կառավարիչը դրել է իր տակնուվրա արած մայթի մոտ։ Դեն տարեք շուռ տված նստարանները։ Իրենց տեղը դրեք դրանք։ Պուրակում հենց գիշերն է հաճելի նստել։ Օդը մաքուր է և գլխումդ հազար ու մի խելոք մտքեր են ծագում։
 +
 +
Մադամ Գրիցացուևան, նստած Ժողտան հենց մեջտեղում ապակեպատ միակ փակ դռան մոտի սանդուղքին, մտորում էր իր այրու բախտի մասին, երբեմն֊երբեմն ննջում և սպասում էր առավոտին։
 +
 +
Լուսավորված միջանցքից ապակեպատ դռան միջով այրու վրա էր թափվում էլեկտրական լուսամփոփների դեղին լույսը։ Մոխրագույն առավոտը թափանցում էր սանդուղքային վանդակի պատուհանի միջով։
 +
 +
Խաղաղ այն ժամն էր, երբ առավոտը դեռ ջահել է ու անարատ։ Այդ ժամին Գրիցացուևան ոտնաձայներ լսեց միջանցքում։ Այրին արագ վեր կացավ և հպվեց ապակուն։ Միջանցքի վերջում փայլատակեց երկնագույն ժիլետը։ Մորեգույն կոշիկները գաղջոտվել էին։ Թուրքահպատակի թեթևսոլիկ տղան, պիջակի փոշին թափ տալով մոտենում էր ապակեպատ դռանը։
 +
 +
― Սլվլի՛կ, ― կանչեց այրին։ ― Սըլվը՛֊լի՜կ։
 +
 +
Նա շնչում էր ապակու վրա անասելի քնքշանքով։ Ապակին մշուշապատվեց, ծիածանային երանգ ստացավ։ Մշուշի և ծիածանների մեջ շողշողում էին երկնագույն և ծիածանագույն տեսիլներ։
 +
 +
Օստապը չէր լսում այրու կուկու կանչերը։ Նա մեջքն էր քորում և գլուխը մտախոհ օրորում էր։ Մի վայրկյան ևս, և նա կկորչեր շրջադարձի ետևում։
 +
 +
Խեղճ կինը «Ընկե՛ր Բենդեր» ճչալով տկտկացրեց ապակուն։ Մեծ կոմբինատորը շուռ եկավ։
 +
 +
― Ա՜, ― ասաց նա, տեսնելով որ այրուց բաժանված է փակ դռնով, ― դուք է՞լ եք այստեղ։
 +
 +
― Այստեղ եմ, այստեղ, ― խնդագին կրկնեց այրին։
 +
 +
― Դե գրկիր ինձ, իմ ուրախություն, մենք այնպես երկար չենք տեսնվել, ― հրավիրեց տեխնիկական դիրեկտորը։
 +
 +
Այրին դեսուդեն ընկավ։ Դռան ետևում ցատկոտում էր վանդակ ընկած թռչնակի պես։ Գիշերվա ընթացքում սսկած յուբկաները դարձյալ սկսեցին խշխշալ։ Օստապը բացեց գիրկը։
 +
 +
― Բա ինչո՞ւ չես գալիս հավիկ իմ։ Քո խաղաղօվկիանոսյան աքլորը այնպես հոգնել է Փոքր Ժողկոմխորհի նիստում։
 +
 +
Այրին զուրկ էր ֆանտազիայից։
 +
 +
― Սըլվըլի՛կ, ― ասաց նա հինգերորդ անգամ։ ― Բաց արեք դուռը, ընկեր Բենդեր։
 +
 +
― Կամա՛ց, այ աղջի։ Համեստությունը զարդարում է կնոջը։ Ի՞նչ հարկ կա ցատկոտելու։
 +
 +
Այրին տանջվում էր։
 +
 +
― Դե, ի՞նչ եք ձեզ կտրատում, ― հարցրեց Օստապը։ ― Ո՞վ է ձեզ խանգարում ապրել։
 +
 +
― Ինքը գնացել է, ինքն էլ հարցնում է։
 +
 +
Եվ այրին լաց եղավ։
 +
 +
― Սրբեք ձեր աչիկները, քաղաքացուհի։ Ձեր ամեն մի արցունքը մի մոլեկուլ է տիեզերքում։
 +
 +
Իսկ ես սպասում էի, սպասում, առուտուրս փակեցի։ Ձեր ետևից եկա, ընկեր Բենդեր։
 +
 +
― Է, հիմա ինչպե՞ս եք ապրում սանդուղքի վրա։ Հո չի՞ փչում։
 +
 +
Այրին հետզհետե սկսեց եռ գալ, ինչպես վանքի մեծ ինքնաեռ։
 +
 +
― Դավաճա՛ն, ― արտասանեց նա, ցնցվելով։
 +
 +
Օստապը դեռ մի քիչ ազատ ժամանակ ուներ։ Նա մատները չրխկացրեց և, ռիթմիկ օրորվելով, մեղմ երգեց․
 +
 +
<poem>
 +
Սատանի մի կտոր
 +
Մեր մեջ է թաքնված․
 +
Եվ կանանց հմայքից
 +
Հրդեհ է բռնկված․․․
 +
</poem>
 +
 +
― Այ դու տրաքես հա՜, ― ասաց այրին պարն ավարտվելուց հետո։ ― Ապարանջանը գողացար, ամուսնուս նվերը։ Բա աթո՞ռն ինչու տարար։
 +
 +
― Դուք, կարծեմ, անցնում եք անձնավորությունների՞ն, ― սառը նկատեց Օստապը։
 +
 +
― Գողացա՛ր, գողացա՛ր, ― պնդում էր այրին։
 +
 +
― Ահա թե ինչ, աղջի․ ձեր ականջին օղ արեք, որ Օստապ Բենդերը երբեք ոչ մի բան չի գողացել։
 +
 +
― Բա թեյքամի՜չն ո՞վ տարավ։
 +
 +
― Ա՛խ, թեյքամի՜չը։ Ձեր դժվար իրացվող ֆոնդի՞ց։ Այդ դեպքում կյանքի նկատմամբ ունեցած մեր տեսակետները տրամագծորեն հակադիր են։
 +
 +
― Տարար, ― կկուի պես կանչում էր այրին։
 +
 +
― Ուրեմն, եթե քաջառողջ մի երիտասարդ գավառացի մի տատիկից փոխարինաբար վերցնում է տկարության հետևանքով նրա համար ոչ պիտանի խոհանոցային մի պիտույք, նշանակում է նա գո՞ղ է։ Այդպե՞ս կհրամայեք հասկանալ ձեզ։
 +
 +
― Գո՛ղ է, գո՛ղ։
 +
 +
― Այդ դեպքում մենք ստիպված ենք բաժանվել։ Ես համաձայն եմ ապահարզանի։
 +
 +
Այրին նետվեց դեպի դուռը։ Ապակիները դողացին։
 +
 +
Օստապը հասկացավ, որ գնալու ժամանակն է։
 +
 +
― Գրկելու ժամանակ չունեմ, ― ասաց նա, ― մնաս բարով սիրելիս։ Մենք բաժանվեցինք, ինչպես նավերը ծովում։
 +
 +
― Օգնեցե՜ք, ― գոռում էր այրին։
 +
 +
Բայց Օստապն արդեն միջանցքի ծայրումն էր։ Նա բարձրացավ լուսամուտի գոգը, ծանրորեն թռավ գիշերվա անձրևից դեռ խոնավ գետնին և թաքնվեց ֆիզկուլտուրային փառահեղ այգիներում։
 +
 +
Այրու ճիչերի վրա եկավ արթնացած պահակը։ Նա դուրս թողեց կալանավորուհուն՝ տուգանք սպառնալով։
 +
 +
 +
==«Գավրիլիադայի» հեղինակը==
 +
 +
 +
Երբ մադամ Գրիցացուևան լքում էր գրասենյակի անհյուրընկալ կայանը, դեպի Ժողտուն էին հոսում ամենահամեստ կարգի ծառայողները, ցրիչները, ելից և մտից օրիորդները, հերթափոխային հեռախոսավարուհիները, հաշվետարների պատանի օգնականներն ու բրոնյայի անչափահասները։
 +
 +
Նրանց մեջ շարժվում էր Նիկիֆոր Լյապիսը, շատ ջահել մի մարդ՝ ոչխարի սանրվածքով և անհամեստ հայացքով։
 +
 +
Տգետները, հաստակողերն ու առաջին անգամ այցելողները Ժողովուրդների տուն էին մտնում գլխավոր մուտքից։ Նիկիֆոր Լյապիսը շենք մտավ ամբուլատորիայի միջով։ Ժողովուրդների տանը նա տանու մարդ էր և գիտեր դեպի այն օազիսները տանող կարճ ճանապարհները, ուր գերատեսչական ժուռնալների լայնասաղարթ հովանու տակ ցայտում են հոնորարի վճիտ աղբյուրները։
 +
 +
Նիկիֆոր Լյապիսը նախ և առաջ մտավ բուֆետ։ Նիկելե դրամարկղը նվագեց մատչիշ և նետեց երեք չեկ։ Նիկիֆորը կերավ մածուն, բացելով թղթով կնքված բաժակը, և ծաղկաթմբի նմանող կրեմի թխվածք։ Այդ բոլորի վրայից թեյ խմեց։ Ապա առանց շտապելու սկսեց շրջագայել իր կալվածքները։
 +
 +
Առաջին այցելությունն արավ որսորդական «Գերասիմ և Մումու» ամսագրի խմբագրությանը։ Ընկեր Նապյորնիկովը դեռ չկար, և Նիկիֆոր Լյապիսը շարժվեց դեպի «Հիդրոսկոպիկ տեղեկագիրը», շաբաթական մի ձայնափող, որի միջոցով դեղագործության աշխատողները շփվում էին արտաքին աշխարհի հետ։
 +
 +
― Բարի լույս, ― ասաց Նիկիֆորը, ― հիանալի բանաստեղծություն եմ գրել։
 +
 +
― Ինչի՞ մասին, ― հարցրեց գրական էջի պետը։ ― Ի՞նչ թեմայով։ Դուք հո լավ գիտեք, Տրուբեցկոյ, որ մեր ժուռնալը․․․
 +
 +
«Հիգրոսկոպիկ տեղեկագրի» էությունը ավելի նրբորեն բնորոշելու համար պետը մատները շարժեց։
 +
 +
― Տրուբեցկոյ֊Լյապիսը նայեց սպիտակ ռագոժից կարած իր շալվարին, իրանը ետ թեքեց և երգաձայն ասաց․
 +
 +
«Բալլադա փտախտի մասին»։
 +
 +
― Դա հետաքրքիր է, ― նկատեց հիգրոսկոպիկ անձավորությունը։ ― Վաղուց ժամանակն է մատչելի ձևով անցկացնել պրոֆիլակտիկայի գաղափարները։
 +
 +
Լյապիսն անմիջապես արտասանեց․
 +
 +
<poem>
 +
Տառապում էր Գավրիլան ցավից,
 +
Գավրիլան հիվանդ էր փթախտով․․․
 +
</poem>
 +
 +
Այնուհետև նույն կտրիճական քառոտնյա յամբով պատմվում էր Գավրիլայի մասին, որն իր տգիտության երեսից ժամանակին չի գնացել դեղատուն և մահացել է նրանից, որ վերքի վրա յոդ չի քսել։
 +
 +
― Դուք առաջադիմում եք, Տրուբեցկոյ, քաջալերեց խմբագիրը, ― բայց կուզենայի ավելի շատ․․․ Դուք հասկանո՞ւմ եք։
 +
 +
Նա մատները շարժեց, բայց սարսափելի բալլադը վերցրեց, խոստանալով երեքշաբթի վճարել։
 +
 +
«Մորզիստի առօրյան» ժուռնալում Լյապիսին դիմավորեցին հյուընկալորեն։
 +
 +
― Լավ է, որ եկաք, Տրուբեցկոյ։ Մեզ հենց բանաստեղծություն է պետք։ Միայն թե՝ կենցաղ, կենցաղ, կենցաղ։ Ոչ մի լիրիկա։ Լսո՞ւմ եք, Տրուբցկոյ։ Որևէ բան փոստհեռաշխատողների կյանքից և դրա հետ միասին, դուք հասկանո՞ւմ եք․․․
 +
 +
Հենց երեկ ես մտորում էի փոստհեռաշխատողների կենցաղի մասին։ Եվ ինձ մոտ զեղվեց այսպիսի մի պոեմ։ Այն կոչվում է «Վերջին նամակ»։ Ահա․․․
 +
 +
<poem>
 +
Փոստատար էր մեր Գավրիլան,
 +
Գավրիլան նամակ էր բաժանում․․․
 +
</poem>
 +
 +
Գավրիլայի պատմությունը պարփակվել էր 72 տողի մեջ։ Բանաստեղծության վերջում նամակատար Գավրիլան, ֆաշիստի գնդակով խոցված լինելով հանդերձ, նամակը հասցնում է հասցեատիրոջը։
 +
 +
― Այդ որտե՞ղ է տեղի ունեցել, ― հարցրին Լյապիսին։
 +
 +
Օրինական հարց էր։ ՍՍՌՄ֊ում ֆաշիստներ չկան, արտասահմանում չկան Գավրիլաներ, կապի աշխատողների միության անդամներ։
 +
 +
― Ինչո՞ւմն է բանը, ― հարցրեց Լյապիսը։ ― Դեպքը տեղի է ունենում իհարկե մեզ մոտ, իսկ ֆաշիստը ծպտված է։
 +
 +
― Գիտեք ինչ, Տրուբեցկոյ, ավելի լավ է մեզ համար գրեք ռադիոկայանի մասին։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ փոստատարին չեք ուզում։
 +
 +
― Թող մնա։ Մենք այն վերցնում ենք պայմանականորեն։
 +
 +
Նիկիֆոր Լյապիս֊Տրուբեցկոյը տխուր֊տրտում նորից գնաց «Գերասիմ և Մումու»։ Նապյորնիկովն արդեն նստել էր իր գրասեղանի ետևում։ Պատից կախված էր Տուրգենևի խիստ մեծացրած դիմանկարը՝ պենսնեով, ճահճային սապոգներով և երկփողանի հրացանը առաջ թեքած։ Նապյորնիկովի կողքին կանգնած էր Լյապիսի մրցակիցը ― արվարձանից եկած բանաստեղծը։
 +
 +
Սկսվեց հին երգը Գավրիլայի մասին, բայց արդեն որսորդական թեքումով։ Ստեղծագործությունը գնում էր «Գողորսորդի աղոթքը» վերնագրի տակ։
 +
 +
<poem>
 +
Դարան մտավ մեր Գավլիլան,
 +
Գավրիլան շլդիկ սպանեց։
 +
</poem>
 +
 +
Շա՜տ լավ է, ― ասաց բարի Նապյորնիկովը։ ― Դուք, Տրուբեցկոյ, այս բանաստեղծությունով գերազանցեցիք նույնիսկ Էնտիխին։ Միայն թե որոշ բան պետք է փոխել։ Առաջինը՝ արմատով դեն նետեցեք «աղոթքը»։
 +
 +
― Եվ շլդիկին, ― ասաց մրցակիցը։
 +
 +
― Իսկ շլդիկին ինչո՞ւ, ― զարմացավ Նապյորնիկովը։
 +
 +
― Որովհետև սեզոնը չէ։
 +
 +
― Լսում եք, Տրուբեցկոյ, փոխեք և շլդիկին։
 +
 +
Ձևափոխված պոեմի վերնագիրն էր «Դաս գողորսորդին», իսկ շլդիկը փոխարինվել էր կտցորով։ Հետո պարզվեց, որ ամառը կտցարներին նույնպես չեն սպանում։ Բանաստեղծությունը վերջնական ձևով կարդացվում էր այսպես․
 +
 +
<poem>
 +
Դարան մտավ Գավրիլան մեր,
 +
Գավրիլան հավք սպանեց․․․
 +
</poem>
 +
 +
:::::::::և այլն։
 +
 +
Ճաշարանում նախաճաշելուց հետո Լյապիսը նորից անցավ գործի։ Սպիտակ շալվարը երևում և անհետանում էր միջանցքների մթության մեջ։ Նա մտնում էր խմբագրությունները և վաճառում բազմադեմ Գավրիլային։
 +
 +
«Կոոպերատիվ սրինգին» Գավրիլան հանձնվեց «Էոլյան սրինգ» անվան տակ։
 +
 +
<poem>
 +
Գործակատար էր Գավրիլան,
 +
Գավրիլան սրինգ էր վաճառում․․․
 +
</poem>
 +
 +
«Անտառն ինչպես որ կա» հաստավուն ամսագրի միամիտները Լյապիսից գնեցին փոքրիկ մի պոեմ «Անտառի եզրին» վերնագրով։ Այն սկսվում էր այսպես․
 +
 +
<poem>
 +
Գավրիլան քայլում էր անտառում,
 +
Գավրիլան բամբուկ էր կտրում։
 +
</poem>
 +
 +
Գավրիլան այդ օրը վերջին անգամ զբաղվեց հաց թխելով։ Նրա համար տեղ գտնվեց «Բուլկու աշխատող»֊ի խմբագրությունում։ Պոեմը երկար ու տխուր վերնագիր ուներ «Հացի, արտադրանքի որակի և սիրածի մասին»։ Պոեմը ձոնված էր հանելուկային Խինա Չլեկին։ Սկիզբը առաջվա պես էպիկական էր․
 +
 +
<poem>
 +
Հացթուխ էր արդ մեր Գավրիլան,
 +
Գավրիլան բուլկի էր թխում․․․
 +
</poem>
 +
 +
Քաղաքավարի պայքարից հետո ձոնը դեն նետվեց։
 +
 +
Ամենացավալին այն էր, որ Լյապիսին ոչ մի տեղ փող չտվին։ Ոմանք խոստացան տալ երեքշաբթի օրը, մյուսները՝ հինգշաբթի կամ ուրբաթ՝ երկու շաբաթ անց։ Ստիպված էր փոխարինաբար վերցնելու համար գնալ թշնամու բանակատեղը, այնտեղ, ուր Լյապիսին բնավ չէին տպագրում։
 +
 +
Լյապիսն հինգերորդ հարկից իջավ երկրորդը և գնաց «Հաստոցի» քարտուղարություն։ Իր քոռ բախտից նա անմիջապես բախվեց անխոնջ աշխատող Պերսիցկու հետ։
 +
 +
― Ա՜, ― բացականչեց Պերսիցկին։ ― Լյա՜պուս։
 +
 +
― Լսեցեք, ― ասաց Նիկիֆոր Լյապիսը, ձայնը ցածրացնելով, ― տվեք ինձ երեք ռուբլի։ «Գերասիմն ու Մումուն» ինձ ահագին փող է պարտք։
 +
 +
― Հիսուն կոպեկ կտամ։ Սպասեցեք։ Հիմա կգամ։
 +
 +
Եվ Պերսիցկին վերադարձավ, բերելով իր հետ «Հաստոցի» մի տասնյակ աշխատակիցների։
 +
 +
Ընդհանուր խոսակցություն ծայր առավ։
 +
 +
― Հը, ինչպե՞ս վաճառեցիք, ― հարցրեց Պերսիցկին։
 +
 +
― Հիանալի բանաստեղծություններ եմ գրել։
 +
 +
― Գավրիլայի մասի՞ն։ Որևէ գեղջկական բա՞ն։ «Ծեգը֊ծեգին Գավրիլան մեր, վար էր անում իր գութանով»։
 +
 +
― Ի՜նչ Գավրիլա։ ՉԷ՞ որ դա խալտուրա է, ― պաշտպանվում էր Լյապիսը։ ― Ես գրել եմ Կովկասի մասին։
 +
 +
― Իսլ դուք եղե՞լ եք Կովկասում։
 +
 +
― Երկու շաբաթից մեկնելու եմ։
 +
 +
― Իսկ չե՞ք վախենում, Լյապսուս։ Այնտեղ ախր բորենիներ կան։
 +
 +
― Շա՜տ պետքս է։ Չէ՞ որ նրանք Կովկասում թունավոր չեն։ Այդ պատասխնից հետո բոլորը ուշադրությունները լարեցին։
 +
 +
― Ասացեք, Լյապսուս, ― հարցրեց Պերսիցկին, ― ձեր կարծիքով բորենիներն ի՞նչ տեսակ են։
 +
 +
― Գիտեմ էլի, վազ անցեք։
 +
 +
― Դե որ գիտեք, ասացեք։
 +
 +
― Այսպես էլի․․․ օձանման։
 +
 +
― Այո, այո, դուք իրավացի եք, ինչպես միշտ։ Չէ՞ որ ձեր կարծիքով վայրի այծի թամբը մատուցում են սեղանին ասպանդակի հետ միասին։
 +
 +
― Ես երբեք այդ բանը չեմ ասել, ― բղավեց Տրուբեցկոյը։
 +
 +
― Չեք ասել։ Գրել եք։ Ինձ Նապյորնիկովն է ասել, որ դուք  փորձել եք իբր որսորդների կենցաղից վերցրած այդպիսի լղպոր ոտանավորներ խցկել «Գերասիմը և Մումուն»։ Ասացեք խղճով, Լյապսուս, ինչո՞ւ եք գրում այն մասին, ինչ կյանքում ոչ տեսել եք, ոչ էլ որևէ պատկերացում ունեք։ Ինչո՞ւ ձեր «Կանտոն» բանաստեղծության մեջ պենյուարը ― պարահանդեսային զգեստ է։ Ինչո՞ւ։
 +
 +
― Դուք քաղքենի եք, ― պարծենկոտությամբ ասաց Լյապիսը։
 +
 +
― Ինչո՞ւ ձեր «Բուդյոննու մրցանակի ձիարշավը» ոտանավորի մեջ ժոկեյը նախ անրափոկն է քաշում ձիու վրա և դրանից հետո նստում է նստիքին։ Դուք երբևէ անրափոկ տեսե՞լ եք։
 +
 +
― Տեսել եմ։
 +
 +
― Դե ասացեք, ինչպիսի՞ն է նա։
 +
 +
― Հանգիստ թողեք ինձ։ Դուք պսիխ եք։
 +
 +
― Իսկ նստիք տեսած կա՞ք։ Ձիարշավում եղե՞լ եք։
 +
 +
― Պարտադիր չէ ամեն տեղ լինել, ― բղավում էր Լյապիսը։ ― Պուշկինը թուրքական բանաստեղծություններ էր գրում և երբեք չէր եղել Թուրքիայում։
 +
 +
― Հա իհարկե, չէ՞ որ Էրզրումը գտնվում է Տուլայի նահանգում։
 +
 +
Լյապիսը չհասկացավ սարկազմը։ Նա տաքացած շարունակեց․
 +
 +
― Պուշկինը գրում էր նյութերի հիման վրա։ Նա կարդացել էր Պուգաչովյան ապստամբության պատմությունը, իսկ հետո գրել։ Իսկ ինձ ձիարշավի մասին պատմել էր Էնտիխը։
 +
 +
Այս վիրտուոզ պաշտպանությունից հետո Պերսիցկին համառող Լյապիսին քարշ տվեց հարևան սենյակը։ Հանդիսատեսները հետևեցին նրանց։ Այնտեղ պատին փակցված էր թերթի մի մեծ կտրվածք՝ շուրջը սև երիզով շրջագծած։
 +
 +
― Այս ակնարկը դո՞ւք եք գրել «Նավապետի կամրջակ»֊ում։
 +
 +
― Ես եմ գրել։
 +
 +
― Սա, կարծես, ձեր առաջին փո՞րձն է արձակում։ Շնորհավորում եմ։ «Ալիքները թավալվում էին ծովապատնեշի վրայով և սրընթաց դոմկրատի պես թափվում ցած․․․»։ Համա՜ թե ծառայություն եք մատուցել «Նավապետի կամրջակ»֊ին։ Այժմ «Կամրջակը» երկար ժամանակ ձեզ չի մոռանա, Լյապիս։
 +
 +
― Ինչո՞ւմն է բանը։
 +
 +
― Բանն այն է, որ․․․ Դուք գիտե՞ք, թե ինչ բան է դոմկրատը։
 +
 +
― Դե, իհարկե գիտեմ, հանգսիտ թողեք ինձ։
 +
 +
― Ինչպե՞ս եք պատկերացնում դոմկրատը։ Նկարագրեցեք ձեր խոսքերով։
 +
 +
― Այսպես․․․ Ընկնում է, մի խոսքով։
 +
 +
― Դոմկրատն ընկնում է։ Նկատի առեք ամենքդ։ Դոմկրատը սրընթաց ընկնում է։ Սպասեցեք, Լյապսուս, ես ձեզ հիմա կբերեմ հիսուն կոպեկ։ Մի թողնեք նրան։
 +
 +
Բայց այս անգամ էլ հիսուն կոպեկ չտրվեց։ Պերսիցկին տեղեկատու բյուրոյից քարշ տվեց բերեց Բրոկհաուզի քսանմեկերորդ՝ Դոնիցյիից մինչև Եվրեինով՝ հատորը։ Փնտրվող բառը գտնվեց Մեկենբուրգ ― Շվերինսկու մեծ հերցոգությունում եղած Դամիցյի բերդի և Բելգիայում ու Նիդեռլանդիայում հոսող Դոմմեյ գետի արանքում։
 +
 +
― Լսեցեք։ «Դոմկրատ (գերմ․ Daumkra(t) ― զգալի ծանրություններ բարձրացնող մեքենաներից մեկը։ Սովորական հասակով։ Դ․, որ գործածվում է կառքեր բարձրացնելու համար, բաղկացած է շարժական ատամնավոր շերտից, որին  կոթի օգնությամբ բռնում է պտտվող ատամնանիվը․․․» և այլն։ Այնուհետև․ «Ջոն Դիկսոնը 1879 թ․ «Կլեոպատրայի ասեղ» անունով հայտնի կոթողը կանգնեցրեց իր տեղում, չորս բանվորի օգնությամբ, որոնք գործում էին չորս հիդրավլիկ Դ․֊ով։ Նշանակում է, Բրոկհաուզն ու Էֆրոնը հիսուն տարի շարունակ խաբե՞լ են մարդկությանը։ Ինչո՞ւ եք խալտուրայով զբաղվում, սովորելու փոխարեն։ Պատասխանեցե՛ք։
 +
 +
― Ինձ փող է պետք։
 +
 +
― Բայց դուք երբեք փող չեք ունենում։ Շարունակ հիսուն կոպեկի ետևից եք ընկած։
 +
 +
― Ես կահույք եմ գնել և բյուջեից ընկել եմ։
 +
 +
― Իսկ շա՞տ կահույք եք գնել։ Ձեզ ձեր խալտուրայի համար տալիս են այնքան, որքան նրանք արժեն՝ գրոշ։
 +
 +
― Լա՜վ գրոշ է։ Մի այնպիսի աթոռ եմ գնել աճուրդում․․․
 +
 +
― Օձարև՞։
 +
 +
― Ոչ։ Պալատից։ Բայց գլխիս դժբախտություն եկավ։ Երեկ գիշեր վերադարձա տուն․․․
 +
 +
― Խինա Չլեկի մոտի՞ց, ― միաձայն բղավեցին ներկա եղողները։
 +
 +
― Խի՛նա․․․ Խինայի հետ վաղուց արդեն չեմ ապրում։ Վերադառնում էի Մայակովսկու դիսպուտից։ Տուն եմ գալիս։ Պատուհանը բաց է։ Իսկույն զգացի, որ մի բան է պատահել։
 +
 +
― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասաց Պերսիցկին, երեսը ձեռքերով փակելով։ ― Ես զգում եմ, ընկերներ, որ Լյապսուսից գողացել են նրա լավագույն գլուխ֊գործոցը՝ «Գավրիլան մտել էր ծառայության, դռնապան էր այդ Գավրիլան»։
 +
 +
― Թույլ տվեք խոսքս վերջացնեմ։ Զարմանալի՜ խուլիգանություն։ Սենյակս էին խցկվել ինչ֊որ սրիկաներ և պատառոտել աթոռի ողջ բոլորակարը։ Գուցե որևէ մեկդ հինգ ռուբլի տաք՝ նորոգման համար։
 +
 +
― Նորոգման համար նոր Գավրիլա հորինեցեք։ Ես ձեզ կարող եմ նույնիսկ սկիզբն ասել։ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք․․․ Հիմա․․․ Ահա․ «Գավրիլան աթոռ գնեց շուկայում, Գավրիլան վատ աթոռ առավ»։ Շո՛ւտ գրեցեք։ Դա շահույթով կարելի է ծախել «Կոմոդի ձայն»֊ին․․․ Է՛խ, Տրուբեցկոյ, Տրուբեցկոյ․․․ Հա, ի դեպ, Լյապսուս, դուք ինչո՞ւ եք Տրուբեցկոյ։ Ինչո՞ւ մի ավելի լավ կեղծանուն չեք վերցնում։ Օրինակ՝ Դոլգորուկի։ Նիկիֆոր Դոլգորուկի։ Կամ՝ Նիկիֆոր Վալուա։ Կամ դրանից լավը՝ քաղաքացի Նիկիֆոր Սումարոկով ― Էլստոն։ Թե բան է՝ մի լավ խմելու առիթ լինի, մեկից երեք ոտանավոր տպելու լինեն «Գերմումու»֊ում, ապա փայլուն ելք կգտնեք ստեղծված դրությունից։ Զառանցանքներից մեկի տակ կստորագրեք Սումարոկով, մյուս մակուլատուրայի տակ՝ Էլստոն, իսկ երրորդինը՝ Յուսուպով։ ․․․ Է՛խ դու, խալտուրշչիկ․․․
 +
 +
 +
==Կոլումբի թատրոնում==
 +
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հետզհետե քծնող էր դառնում։ Երբ նայում էր Օստապին, նրա աչքերը երկնագույն ժանդարմական երանգ էին ստանում։
 +
 +
Իվանոպուլայի սենյակում այնպես շոգ էր, որ Վորոբյանինովի չորացած աթոռները ճարճատում էին բուխարիկում վառվող փայտի պես։ Մեծ կոմբինատորը հանգստանում էր՝ երկնագույն ժիլետը գլխի տակ դրած։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը նայում էր պատուհանից դուրս։ Այնտեղ, ծուռումուռ նրբանցքներով, մոսկովյան պստլիկ այգիների կողքով սլանում էր զինանշան ունեցող կառեթը։ Նրա սև լաքի մեջ փոխ առ փոխ անդրադառնում էին գլուխ տվող անցորդները, պղնձե գլխով կավալերգրադը, քաղաքային դամաներն ու թմփլիկ սպիտակ ամպերը։ Ձիերը, պայտերով սալարկը ջարդոտելով, սլացնում էին կառեթը Իպոլիտ Մատվեևիչի կողքով։ Նա հիասթափված շուռ եկավ։
 +
 +
Կառեթն իր վրա կրում էր ՄԿՏ<ref>Մոսկվայի կոմունալ տնտեսություն</ref> գերբը, ծառայում էր աղբ կրելու համար և նրա տախտակե պատերը ոչինչ չէին անդրադարձնում։
 +
 +
Նստիքին նստել էր արիատես մի ծերուկ՝ ալեհեր մորուքով։ Եթե Իպոլիտ Մատվեևիչն իմանար, որ կառապանը ոչ այլ ոք է, քան կոմս Ալեքսեյ Բուլանովը, նշանավոր մենակյաց հուսարը, հավանորեն կանչեր ծերուկին, որպեսզի խոսեր նրա հետ անցած֊գնացած հրաշալի ժամանակների մասին։
 +
 +
Կոմս Ալեքսեյ Բուլանովը սաստիկ մտահոգված էր։ Մտրակելով ձիերին, նա տխուր մտորում էր աղբահանության ենթաբաժինը կրծող բյուրոկրատիզմի մասին, որի պատճառով ահա կես տարի է՝ ինչ չէին տալիս գլխպայմանագրով սահմանված արտագոգնոցը։
 +
 +
― Լսեցե՛ք, ― հանկարծ ասաց մեծ կոմբինատորը, ― ինչպե՞ս էին կանչում ձեզ մանկության օրերին։
 +
 +
― Ձեր ինչի՞ն է պետք։
 +
 +
― Հենց այնպես։ Չգիտեմ, թե ինչպես ձեզ կանչեմ։ Զահլես գնաց ձեզ Վորոբյանինով կանչելուց, իսկ Իպոլիտ Մատվեևիչը շատ թթու է։ Ի՞պա։
 +
 +
― Կիսա, ― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը քմծիծաղ տալով։
 +
 +
― Հանճարեղ է։ Ուրեմն, ահա թե ինչ, Կիսա, նայեցեք, խնդրեմ, ի՞նչ կա մեջքիս վրա։ Թիակներիս արանքում ցավում է։
 +
 +
Օստապը գլխի վրայով դուրս քաշեց «Կովբոյ» վերնաշապիկը։ Կիսա Վորոբյանինովի առջև բացվեց գավառական Անթինոյի ընդարձակ, հրապուրիչ ձևի, բայց փոքր֊ինչ կեղտոտ մեջքը։
 +
 +
― Օհո, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, ինչ֊որ կարմրություն կա։
 +
 +
Մեծ կոմբինատորի թիակների արանքում կապտակարմրին էին տալիս և նավթային ծիածանի գույներով շողշողում տարօրինակ ուրվագծերով կապտոցներ։
 +
 +
― Ազնիվ խոսք, ութ թիվը, ― բացականչեց Վորոբյանինովը։ ― Առաջին անգամ եմ տեսնում այսպիսի կապտոց։
 +
 +
― Իսկ ուրիշ թիվ չկա՞, ― հանգիստ հարցրեց Օստապը։
 +
 +
― Ասես Р տառ լինի։
 +
 +
― Այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։ Անիծվա՛ծ գրչակոթ։ Տեսնում եք, Կիսա, ինչպես եմ տառապում, ինչպիսի վտանգների եմ ենթարկվում ձեր աթոռների երեսից։ Թվաբանական այդ նշաններն ինձ հասցրել է ինքնաընկնող մեծ գրչակոթը՝ ութսունվեց համարի գրչածայրով։ Պետք է նկատի ունենաք, որ անիծված գրչակոթը ընկավ մեջքիս հենց այն րոպեին, երբ ես ձեռքերս սուզել էի խմբագրի աթոռի խորքերը։ Իսկ դուք հո մի կարգին բան չեք կարող։ Ո՞վ փչացրեց Իզնուրենկովի աթոռն այնպես, որ հետո ես ստիպված եղա ձեր փոխարեն տուժել։ Էլ չեմ ասում աճուրդի մասին։ Ժամանակ գտաք շնություն անելու։ Ձեր տարիքում շնությունը պարզապես վտանգավոր է։ Պահպանեցեք ձեր առողջությունը․․․ Իմ բանն ուրիշ է։ Իմ հաշվումն է այրու աթոռը։ Իմ հաշվումն են շչուկինյան երկու աթոռները։ Իզնուրենկովի աթոռը վերջին հաշվով ես արեցի։ Խմբագրություն և Լյապիսի մոտ ես գնացի։ Եվ միակ մի աթոռը դուք հասցրիք մինչև հաղթական վախճան, այն էլ մեր սրբազան թշնամու՝ արքեպիսկոպոսի օգնությամբ։
 +
 +
Սենյակում բոբիկ ոտքերով անաղմուկ քայլելով, տեխնիկական դիրեկտորը խելք էր հասկացնում խոնարհ Կիսային։
 +
 +
Հոկտերմբերյան կայարանի ապրանքային բակում անհետացած աթոռը առաջվա պես մութ բիծ էր մնում կոնցեսիոն աշխատանքների շողշողուն պլանում։ Կոլումբի թատրոնի չորս աթոռները հաստատ որս էին։ Բայց թատրոնը «Սկրյաբին» տիրաժային շոգենավով մեկնելու էր Վոլգայով և այսօր որպես սեզոնի վերջին ներկայացում ցույց էր տալիս «Ամուսնություն» պրեմիերան։ Պետք էր որոշել մնա՞լ արդյոք Մոսկվայում փնտրելու Կալանչևյան հրապարակի ընդարձակություններում կորսված աթոռը, թե՝ խմբի հետ մեկնել գաստրոլային տուրնիրի։ Օստապը հակված էր վերջինին։
 +
 +
― Բայց գուցե և բաժանվե՞նք, ― հարցրեց Օստապը։ ― Ես գնամ թատրոնի հետ, իսկ դուք մնացեք և հետևեցեք ապրանքային բակի աթոռին։
 +
 +
Բայց Կիսան այնպես վախվխելով թարթեց ճերմակած թերթերունքները, որ Օստապը չշարունակեց։
 +
 +
― Երկու նապաստակներից, ― ասաց նա, ― ընտրում են ամենաչաղը։ Գնանք միասին։ Բայց ծախսերը մեծ կլինեն։ Փողի կարիք կզգանք։ Ինձ մոտ մնացել է վաթսուն ռուբլի։ Ձեզ մո՞տ որքան։ Ա՜խ, ես մոռացել էի։ Ձեր տարիքում կուսական սերը շատ թանկ է նստում։ Որոշում եմ․ այսօր մենք գնում ենք թատրոն՝ «Ամուսնության» պրեմիերային։ Չմոռանաք ֆրակ հագնել։ Եթե աթոռները դեռ տեղումն են և չեն ծախել սոցապահովագրման պարտքերի դիմաց, վաղը ևեթ մենք մեկնում ենք։ Հիշեցե՛ք, Վորոբյանինով։ Մի՛ շնչեք, իմ վաղեմի բարեկամ։ Հավասարություն վերցրեք ռամպային։ Օ՜, իմ ջահելություն։ Օ՜, կուլիսների հոտ։ Որչափ հիշողություննե՜ր։ Որքա՜ն ինտրիգներ։ Որքա՜ն տաղանդ եմ ցուցաբերել իր ժամանակին Համլետի դերում։ Մի խոսքով, նիստը շարունակվում է։
 +
 +
Տնտեսելու համար թատրոն գնացին ոտքով։ Դեռ բոլորովին լույս էր, բայց լապտերներն արդեն շողշողում էին լիմոնի լույսով։ Ամենքի աչքերի առջև կործանվում էր գարունը։ Փոշին քշում էր նրան հրապարակներից, տաք քամին մղում էր նրան նրբանցքները։ Այնտեղ պառավները գուրգուրում էին գեղեցկուհուն և բակերում, կլոր սեղանների շուրջը նստած, թեյ էին խմում նրա հետ։ Բայց գարնան կյանքն արդեն վերջացել էր՝ նրան էլ մարդկանց չէին թողնում։ Իսկ նա շատ էր ուզում լինել Պուշկինի հուշարձանի մոտ, որտեղ արդեն զբոսնում էին ջահելները՝ չալպտուրիկ կեպկաներով, դուդուկանման շալվարներով, «շան ուրախություն» փողկապներով և «ջիմմի» կոշիկներով։
 +
 +
Բաց մանուշակագույն պուդրա քսած աղջիկները անցուդարձ էին անում ՄՍՊՕ֊ի<ref>ՄՍՊՕ ― հապավված բառ է․ Մոսկվայի սպառողական ընկերությունների միություն։</ref> տաճարի և «Կոմունար» կոոպերատիվի (նախկին Ֆիլիպովի և նախկին Ելիսեևի) միջև։ Աղջիկները պարզորոշ հայհոյում էին։ Այդ ժամին անցորդները դանդաղեցնում էին քայլերը, բայց ոչ նրա համար միայն, որ Տվերսկայա փողոցում նեղվածք էր։ Մոսկվայի ձիերը Ստարգորոդի ձիերից լավ չէին․ նրանք ևս սմբակներով դիտմամբ թխկթխկացնում էին փայտաղյուսե սալարկին։ Հեծանվորդները անաղմուկ թռչում էին «Պատանի պիոներների» ստադիոնից, առաջին միջազգային մրցումից։ Պաղպաղակավաճառը գլորում էր իր կանաչ սնդուկը՝ մաիսյան ամպրոպ առաջացնելով և վախից խեթ֊խեթ միլիցիոներներին նայելով։ Բայց փողոցային շարժումը կարգավորող լուսավոր սեմաֆորով կաշկանդված միլիցիոները վտանգավոր չէր։
 +
 +
Այդ ամբողջ իրարանցման մեջ շարժվում էին երկու բարեկամները։ Յուրաքանչյուր քայլափոխում գայթակղվելու բան կար։ Փոքրիկ թավաների մեջ, ի տես ամբողջ փողոցի, խորովում էին Կարսի, Կովկասի և սուկիի խորովածներ։ Տաք ու թափանցող ծուխը պայծառ երկինք էր բարձրանում։ Գարեջրատներից, ռեստորաններից և «Մեծ համր» կինոյից լարային երաժշտություն էր լսվում։ Տրամվայի կանգառի մոտ իրեն կտրատում էր բարձրախոսը։
 +
 +
Պետք է շտապել։ Բարեկամները մտան «Կոլումբ» թատրոնի ուժեղ արձագանքող նախասրահը։
 +
 +
Վորոբյանինովը նետվեց դեպի դրամարկղը և կարդաց տեղերի գները։
 +
 +
― Այնուամենայնիվ, ― ասաց նա, ― շատ թանկ է։ Տասնվեցերորդ կարգը՝ երեք ռուբլի։
 +
 +
― Ո՜նց չեմ սիրում, ― նկատեց Օստապը, ― այս քաղքենիներին, գավառական ցանցառներին։ Ո՞ւր եք խցկվում։ Մի՞թե չեք տեսնում, որ դա դրամարկղ է։
 +
 +
― Բա էլ ո՞ւր գնանք։ Չէ՞ որ առանց տոմսի չեն թողնի։
 +
 +
― Կի՛սա, դուք տափակ մարդ եք։ Յուրաքանչյուր բարեկարգ թատրոնում երկու պատուհան կա։ Դրամարկղի պատուհանին դիմում են միայն սիրահարվածները և հարուստ ժառանգները։ Մնացած քաղաքացիները (դրանք, ինչպես տեսնում եք, ճնշող մեծամասնությունն են) անմիջականորեն դիմում են ադմինիստրատորի պատուհանին։
 +
 +
Եվ իրոք, դրամարկղի պատուհանի առջև մի հինգ հոգի համեստ մարդիկ էին կանգնած։ Հնարավոր է, որ դրանք հարուստ ժառանգներ կամ սիրահարվածներ էին։ Մինչդեռ ադմինիստրատորի պատուհանի մոտ աշխուժություն էր տիրում։ Այնտեղ խայտաբղետ հերթ էր։ Երիտասարդ մարդիկ ֆասոնավոր պիջակներով և նույն տարազի շալվարներով, որոնց մասին գավառացին երազել կարող է միայն, վստահորեն թափահարում էին երկտողերը, որ վերցրել էին իրենց ծանոթ ռեժիսորներից, արտիստներից, խմբագրություններից, թատրոնական դերձակից, շրջանային միլիցիայի պետից և թատրոնի հետ սերտորեն կապված այլ անձնավորություններից, ինչպես օրինակ, թատ ― և կինոքննադատների ասոցիացիայի անդամներից, «Թշվառ մայրերի արցունքներ» ընկերության անդամներից, «Կրկեսյան արվեստի արհեստանոցի» դպրոցական խորհրդից, և ինչ֊որ «Ումսլոպոգասին կիդ ֆորտինբրասից»։ Մի ութը մարդ կանգնած էր Էսպեր Էկլերովիչի գրություններով։
 +
 +
Օստապը խուժեց հերթի մեջ, հրեց ֆորտինսբրասցիներին և բղավելով՝ «Ինձ միայն մի տեղեկանք է պետք, չե՞ք տեսնում, որ ես նույնիսկ կրկնակոշիկներս չեմ հանել», մոտեցավ պատուհանին և նայեց ներս։
 +
 +
Ադմինիստրատորը քափուքրտինքի մեջ կորած աշխատում էր բեռնակրի պես։ Ադամանդե զուլալ քրտինքը ողողում էր նրա չաղ դեմքը։ Հեռախոսը ամեն րոպե անհանգստացնում էր նրան և զանգահարում Սմոլենսկի շուկայով անցնող տրամվայի վագոնի համառությամբ։
 +
 +
― Շո՛ւտ, ― բղավեց նա Օստապին, ― ձեր թուղթը։
 +
 +
― Երկու տեղ, ― կամացուկ ասաց Օստապը, ― պարտերում։
 +
 +
― Ո՞ւմ։
 +
 +
― Ինձ։
 +
 +
― Իսկ դուք ո՞վ եք, որ ձեզ տեղ տամ։
 +
 +
― Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք ինձ ճանաչում եք։
 +
 +
― Չեմ ճանաչում։
 +
 +
― Բայց անծանոթի հայացքն այնքան ջինջ էր, այնքան վճիտ, որ ադմինիստրատորի ձեռքն ինքը երկու տեղ հատկացրեց Օստապին տասնմեկերորդ կարգում։
 +
 +
― Տեղից վեր կացողն ուզում է, ― ասաց ադմինիստրատորը, ուսերը թոթվելով, ― ով գիտե, ովքե՞ր են դրանք։ Միգուցե Լուսժողկոմատի՞ց էր։ Կարծես ես նրան տեսել եմ Լուսժողկոմատում։ Որտե՞ղ եմ տեսել դրան։
 +
 +
Եվ, մեքենայորեն անցաթղթեր տալով երջանիկ թատ֊կինոքննադատներին, մեղմացած Յակով Մենելաևիչը շարունակում էր մտաբերել, թե որտեղ էր տեսել այդ վճիտ աչքերը։
 +
 +
Երբ բոլոր անցաթղթերը տրվեցին և ճեմասրահում լույսը պակասեցրեցին, Յակով Մենելաևիչը հիշեց․ այդ վճիտ աչքերը, այդ վստահ հայացքը նա տեսել էր Տագանկայի բանտում 1922 թվականին, երբ ինքն էլ մի դատարկ պատճառով նստել էր այնտեղ։
 +
 +
Տասնմեկերորդ կարգում, ուր նստել էին կոնցեսիոներները, ծիծաղ լսվեց։ Օստապին դուր եկավ երաժշտական նախերգանքը, որ նվագախմբի մասնակիցները կատարեցին Էսմարխի շշերի, գավաթների վրա, սակսոֆոններով և զինվորական մեծ թմբուկներով։ Ֆլեյտան սուլեց և վարագույրը, զովություն սփռելով, բացվեց։
 +
 +
Ի զարմանս Վորոբյանինովի, որը սովոր էր «Ամուսնության» դասական մեկնաբանմանը, Պոդկոլյոսինը բեմում չէր։ Աչքերը դես ու դեն գցելով, Իպոլիտ Մատվեևիչը տեսավ առաստաղից կախված ֆաներե ուղղանկյունիներ՝ ծիածանի հիմնական գույներով ներկված։ Ոչ դռներ կային, ոչ կապտավուն շղարշյա պատուհաններ։ Գույնզգույն ուղղակնկյունների տակ պարում էին դամաներ՝ սև կարտոնից կրտած մեծ շլյապաներով։ Շշերի զրնգոցը բեմ կանչեց Պոդկոլյոսինին, որը բազմության մեջ խուժեց Ստեփանին հեծած։ Պոդկոլյոսինը հագին ուներ սենեկապետի մունդիր։ Ցրելով դամաներին պիեսի մեջ չեղած խոսքերով, Պոդկոլյոսինը զիլ ձանով կանչեց․
 +
 +
― Ստեփա՜֊ան։
 +
 +
Դրա հետ մեկտեղ նա թռավ մի կողմ և քարացավ դժվարին կեցվածքով։ Էսմարխի գավաթները թնդացին։
 +
 +
― Ստեփա՜֊ան, ― կրկնեց Պոդկոլյոսինը, նոր թռիչք կատարելով։
 +
 +
Բայց քանի որ հենց այդտեղ կանգնած և հովազամորթի հագած Ստեփանը չէր արձագանքում, Պոդկոլյոսինը ողբերգական տոնով հարցրեց։
 +
 +
― Ինչո՞ւ ես լռում, Ազգերի լիգայի պես։
 +
 +
― Ըստ երևույթին, Չեմբերլենից եմ վախեցել, ― պատասխանեց Ստեփանը, մորթին քորելով։
 +
 +
Զգացվում էր, որ Ստեփանը ետ է մղելու Պոդկոլյոսինին և դառնալու է արդիականացրած պիեսի գլխավոր գործող անձը։
 +
 +
― Հը, դերձակը կարո՞ւմ է սյուրտուկը։
 +
 +
Թռիչք։ Հարված էսմարխի գավաթներին։ Ստեփանը դժվարությամբ կանգնեց ձեռքերի վրա և այդ վիճակում պատասխանեց․
 +
 +
― Կարում է։
 +
 +
Նվագախումբը պոպուրի նվագեց «Չիո֊չիո֊սան»֊ից։ Բոլոր այդ ժամանակամիջոցում Ստեփանը կանգնած էր ձեռքերի վրա։ Նրա դեմքը արյունով էր լցվել։
 +
 +
― Իսկ ինչ է, ― հարցրեց Պոդկոլյոսինը, ― դերձակը չհարցրե՞ց արդյոք, թե աղաիդ ինչին է պետք այս լավ մահուդը։
 +
 +
― Ստեփանը, որ այդ պահին նստել էր արդեն նվագախմբի մեջ և գրկել էր դիրիժյորին, պատասխանեց․
 +
 +
― Չէ, չհարցրեց։ Բա մի՞թե նա անգլիական պառլամենտի դեպուտատ է։
 +
 +
― Իսկ դերձակը չհարցրե՞ց, թե քա աղան հո չի՞ ուզում ամուսնանալ։
 +
 +
― Դերձակը հարցնում էր, թե քո աղան հո չի ուզում ալիմենտ վճարել։
 +
 +
Դրանից հետո լույսը հանգավ, և հասարակությունը ոտքերով դոփեց։ Դոփեց այնքան, մինչև որ բեմից լսվեց Պոդկոլյոսինի ձայնը։
 +
 +
― Քաղաքացինե՛ր։ Մի՛ հուզվեք։ Լույսը դիտմամբ մարեցին, գործողության ընթացքին համապատասխան։ Դա է պահանջում իրեղեն ձևավորումը։
 +
 +
Հասարակությունը հնազանդվեց։ Լույսը այնպես էլ մինչև գործողության վերջը չվառվեց։ Կատարյալ խավարի մեջ թնդում էին թմբուկները։ Լապտերներով անցավ զինվորական մի ջոկատ՝ հյուրանոցային շվեյցարների համազգեստով։ Հետո, ինչպես երևում է՝ ուղտի վրա նստած եկավ Կոչկարյովը։ Այդ մասին կարելի էր դատել հետևյալ դիալոգից․
 +
 +
― Ֆո՛ւ, ինչպես վախեցրիր ինձ։ Դեռ հալա ուղտով էլ եկել ես։
 +
 +
― Ախ, դու նկատեցի՞ր, չնայած մթությանը։ Իսկ ես քեզ ուզում էի սյուրպրիզ մատուցել։
 +
 +
Ընդմիջումին կոնցեսիոներները  կարդացին հետևյալ աֆիշան․
 +
 +
::::::::::Ամուսնություն
 +
 +
Տեքստը Գոգոլի
 +
 +
Բանաստեղծությունները ― Մ․ Շերշելյաֆամովի
 +
 +
Գրական մոնտաժը ― Ի․ Ամտիոխիյսկու
 +
 +
Երաժշտական նվագակցումը ― Խ․ Իվանովի
 +
 +
Իրեղեն ձևավորումը ― Սիմբիևիչ֊Սինդիևիչ։ Լույսը ― Պլատոն Պլաշչուկի։ Հնչյունային ձևավորում ― Գալկինի, Պալկինի, Մալկինի, Չալկինի և Զալկինդի։ Գրիմը ― ԿՌՈՒԼՏԻ արհեստանոցի։ Կեղծամները ― Ֆոմա Կոչուորի։ Կահույք ― Բալտազարի անվան Ումսլոպոդասին կից Ֆորտինբրասի փայտեղենի արհեստանոցի։ Ակրոբատիկայի հրահանգիչ ― Ժորժետտա Տիրասպոլսկիխ։ Հիդրավլիկ մամուլ֊ղեկավարությամբ մոնտյոր Մեչնիկովի։
 +
 +
:::::::::::Աֆիշան շարված, կապված և տպված է
 +
 +
:::::::::::::::ԿՌՈՒԼՏ ՖԶՈՒ֊ի դպրոցում։
 +
 +
― Հավանո՞ւմ եք, ― վախվխելով հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Իսկ դո՞ւք։
 +
 +
― Շատ հետաքրքիր է, միայն թե Ստեփանը մի տեսակ տարօրինակ է։
 +
 +
― Իսկ ես չհավանեցի, ― ասաց Օստապը, ― մանավանդ այն, որ նրանց կահույքը ինչ֊որ Վոգոպասի արհեստանոցից է։ Արդյոք մեր աթոռները չե՞ն հարմարեցրել նոր ձևի։
 +
 +
Բայց զուր տեղն էին վախենում։ Երկրորդ գործողության հենց սկզբին ցիլինդրավոր նեգրերը բոլոր չորս աթոռներն էլ դուրս բերեցին։
 +
 +
Խնամախոսության տեսարանը ամենամեծ հետաքրքրությունն առաջացրեց հանդիսականների մեջ։ Այն րոպեին, երբ ամբողջ դահլիճով մեկ ձգված լարի վրայով սկսեց իջնել Ագաֆյա Տիխոնովնան, Խ․ Իվանովի ահավոր նվագախումբը այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ հենց միակ այդ բանից Ագաֆյա Տիխոնովնան պետք է վայր ընկներ հանդիսականների մեջ։ Սակայն Ագաֆյան հիանալի էր պահում իրեն բեմի վրա։ Նա մարմնագույն տրիկոյով էր և տղամարդու կոտելոկով։ Հավասարակշռություն պահպանելով կանաչ հովանոցով, որի վրա գրված էր՝ «Ես ուզում եմ Պոդկոլյոսինին», նա քայլում էր լարի վրայով, և ներքևից բոլորը տեսնում էին նրա կեղտոտ ներբանները։ Լարի վրայից նա թռավ ուղիղ աթոռին։ Դրա հետ միաժամանակ նեգրերը, Պոդկոլյոսինը, բալետային զգեստով Կոչկարյովը և վագոնավարի զգեստով խնամախոսուհին հետադարձ սալտո կատարեցին։ Այնուհետև բոլորը մի հինգ րոպե հանգստացան, և այդ բանը թաքցնելու համար նորից լույսը մարեցին։
 +
 +
Փեսացուները շատ ծիծաղելի էին, մանավանդ Յաիչնիցան։ Նրա փոխարեն բեմ դուրս բերին թավայի մեջ պատրաստած մեծ ձվածեղ։  Ծովայինի վրա առագաստով կայմ կար։
 +
 +
Վաճառական Ստարիկովը զուր էր բղավում, թե իրեն խեղդում են պատենտն ու հասարակական հարկը։ Ագաֆյա Տիխոնովնան չհավանեց նրան։ Նա ամուսնացավ Ստեփանի հետ։ Երկուսով սկսեցին խպշտել ձվածեղը, որը նրանց մատուցեց լաքեյ Պոդկոլյոսինը։ Կոչկարյովն ու Ֆյոկլան կուպլետներ երգեցին Չեմբերլենի և այն ալիմենտի մասին, որ բրիտանական մինիստրը գանձում է Գերմանիայից։ Էսմարխի գավաթների վրա հրաժեշտի երգ նվագեցին։ Եվ վարագույրը զովություն սփռելով փակվեց։
 +
 +
― Ես գոհ եմ ներկայացումից, ― ասաց Օստապը, ― աթոռներն անվնաս են։ Բայց հապաղելու հարկ չկա։ Եթե Ագաֆյա Տիխոնովնան ամեն օր նրանց վրա դրմփա, ապա նրանք երկար չեն ապրի։
 +
 +
Ֆասոնե պիջակներով երիտասարները, հրմշտելով և ծիծաղելով, խորամուխ էին լինում իրեղեն և հնչյունային ձևավորումների նրբության մեջ։
 +
 +
― Դե, ― ասաց Օստապը, ― Կիսոչկա, ձեր նանիկ անելու ժամանակն է։ Վաղը առավոտվանից պետք է կանգնել տոմս գնելու։ Թատրոնը երեկոյան ժամը յոթին ճեպընթացով մեկնում է Նիժնի։ Այնպես որ դուք երկու նստելու կոշտ տեղի տոմս վերցրեք մինչև Նիժնի։ Մեծ բան չէ՝ կնստենք։ Ընդամենը մի գիշեր է։
 +
 +
Հետևյալ օրը Կոլումբի ողջ թատրոնը նստել էր Կուրսկի կայարանի բուֆետում։ Սիմբիևիչ֊Սինդիևիչը, միջոցներ ձեռք առնելով, որպեսզի իրեղեն ձևավորումը ուղարկվեր հենց նույն գնացքով, սեղանիկի մոտ նստած նախաճաշում էր։ Բեղերը գարեջրի մեջ թրջելով, նա տագնապալից հարցնում էր մոնտյորին․
 +
 +
― Ինչ է, հիդրավլիկ մամուլը չե՞ն կոտրի ճանապարհին։
 +
 +
― Խաթա դարձավ էդ մամուլը, ― պատասխանեց Մեչնիկովը, ― մեզ համար աշխատում է հինգ րոպե, իսկ ամբողջ ամառը ստիպված ենք դեսուդեն քարշ տալ։
 +
 +
― Իսկ «Գաղափարախոսության դեղափոշին» պիեսի «Ժամանակների լուսարձակի» բանը հե՞շտ էր քեզ համար։
 +
 +
― Իհարկե, հեշտ էր։ Լուսարձակը թեպետ մեծ էր, բայց դրա պես շուտ կոտրատվող չէր։
 +
 +
Հարևան սեղանի մոտ նստել էր Ագաֆյա Տիխոնովնան, մատաղահաս մի աղջիկ՝ կեգլիի պես հաստ ու փայլուն ոտքերով։ Նրա շուրջը իրար էր անցել հնչյունային ձևավորումը՝ Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը։
 +
 +
― Երեք դուք ինձ համաքայլ չէիք նվագում, ― գանգատվում էր Ագաֆյա Տիխոնովնան, ― այդպես ես կարող եմ վայր ընկնել։
 +
 +
Հնչյունային ձևավորումը աղմկել սկսեց․
 +
 +
― Ինչ արած։ Երկու գավաթ ճաքեց։
 +
 +
― Հիմա մի՞թե կճարվի արտասահմանյան Էսմարխի գավաթից, ― բղավում էր Գալկինը։
 +
 +
― Մտեք Պետբուժառ։ Ոչ թե Էսմարխի գավաթ, ջերմաչափ անգամ չի կարելի գնել, ― պաշտպանեց Պալկինը։
 +
 +
― Իսկ դուք ջերմաչափի վրա է՞լ եք նվագում, ― սարսափեց աղջիկը։
 +
 +
― Ջերմաչափի վրա չենք նվագում, ― նկատեց Զալկինդը, ― բայց էդ անիծված գավաթների երեսից մարդ ուղղակի կհիվանդանա և ստիպված կլինի տաքությունը չափել։
 +
 +
Ներկայացման հեղինակ և գլխավոր ռեժիսյոր Նիկ․ Սեստրինը կնոջ հետ զբոսում էր կառամատույցում։ Պոդկոլյոսինն ու Կոչկարյովը երեքական ընպանակ կոնծելուց հետո սիրաբանում էին Ժորժետտա Տիրասպոլսկիխի հետ։
 +
 +
Գնացքի մեկնումից երկու ժամ առաջ կայարան եկած կոնցեսիոներները արդեն հինգերորդ ռեյսն էին կատարում կայանամերձ պուրակի շուրջը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի գլուխը պտտվում էր։ Աթոռների հետապնդումը մտնում էր իր վճռական ստադիայի մեջ։ Շիկացած սալահատակի վրա երկարավուն ստվերներ էին ընկել։ Փոշին նստում էր թաց, քրտնած դեմքերին։ Մոտենում էին կառքերը։ Բենզինի հոտ էր փչում։ Վարձու մեքենաները ուղևորներ էին իջեցնում։ Նրանց ընդառաջ էին վազում Երմակ Տիմոֆեևիչները, տանում էին ճամպրուկները և նրանց ձվաձև վահանակները պսպղում էին արևի տակ։ Հեռավոր ուղևորությունների մուսան բռնել էր մարդկանց կոկորդից։
 +
 +
― Դե, մենք էլ գնանք, ― ասաց Օստապը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հնազանդորեն համաձայնեց։ Այդ պահին նա երես առ երես բախվեց դագաղագործ Բեզենչուկի հետ։
 +
 +
― Բեզենչո՛ւկ, ― ասաց նա ծայր աստիճանի զարմացած։ ― Դու ո՞ց ընկար այստեղ։
 +
 +
Բեզենչուկը հանեց գլխարկը և ուրախությունից քարացավ։
 +
 +
― Պարոն Վորոբյա՛նինով, ― բղավեց նա։ ― Հարգա՛նք թանկագին հյուրին։
 +
 +
― Հը, ինչպե՞ս են գործերդ։
 +
 +
― Վատ են գործերը, ― պատասխանեց դագաղագործը։
 +
 +
― Ինչո՞ւ այդպես։
 +
 +
― Մուշտարի եմ փնտրում։ Մուշտարի չկա։
 +
 +
― «Հավերժահարսը» խլո՞ւմ է։
 +
 +
― Էդ էր պակաս։ Բա նա կարո՞ղ է ինձանից բան խլել։ Դեպքեր չկան։ Ձեր զոքանչից հետո միայն «Պյեոն ու Կոնսատանտինը» քոչեց։
 +
 +
― Ինչեր ես ասում։ Մի՞թե մեռել է։
 +
 +
― Քոչեց, Իպոլիտ Մատվեևիչ։ Իր պոստի վրա քոչեց։ Մեր դագաղագործ Լեոպոլդին էր թրաշում և քոչեց։ Մարդիկ ասում էին՝ ներսում պայթյուն է ունեցել, իսկ ես կարծում եմ, որ հանգուցյալը էդ դեղագործի դեղերի հոտն է շնչել ու չի դիմացել։
 +
 +
― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― քրթմնջաց Իպոլիտ Մատվեևիչը, ― ա՛յ֊ա՛յ֊ա՛յ։ Է, ուրեմն, հենց դու էլ թաղեցի՞ր նրան։
 +
 +
― Ես էլ թաղեցի։ Բա էլ ո՞վ։ «Հավերժահա՞րսը», նրա հերն էլ անիծած․ ծոպ տվո՞ղ է։
 +
 +
― Զոռեցի՞ր, ուրեմն։
 +
 +
― Զոռեցի։ Բայց հետո ինձ ծեծեցին։ Քիչ մնաց սիրտս տեղից պոկեին։ Միլիցիան խլեց ձեռքերից։ Երկու օր պառկած էի, սպիրտով էի բուժվում։
 +
 +
― Տրորո՞ւմ էիր։
 +
 +
― Մենք տրորելու բան չունենք։
 +
 +
― Իսկ այստեղ ինչո՞ւ ես եկել։
 +
 +
― Ապրանք եմ բերել։
 +
 +
― Ի՞նչ ապրանք։
 +
 +
― Իմ ապրնքը։ Ծանոթ ուղեկցողն օգնեց ձրի բերեցի փոստային վագոնով։ Ծանոթությամբ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հիմա միայն նկատեց, որ Բեզենչուկից քիչ հեռու գետնի վրա դարսված էին դագաղներ։ Դրանցից մեկը՝ Իպոլիտ Մատվեևիչը անմիջապես ճանաչեց։ Դա կաղնե մեծ ու փոշոտ դագաղ էր՝ Բեզենչուկի ցուցափեղկից հանած։
 +
 +
― Ութ հատ, ― ասաց Բեզենչուկը ինքնագոհությամբ, ― մեկը մեկից լավ։ Ոնց որ մատղաշ վարունգ։
 +
 +
― Իսկ այստեղ ո՞ւմն է պետք քո ապրանքը։ Այստեղ իրենց վարպետները հերիք են։
 +
 +
― Բա գրի՞բը։
 +
 +
― Ի՞նչ գրիբ։
 +
 +
― Համաճարակը։ Պրուսիսն ասաց, թե Մոսկվայում գրիբը խիստ տարածվել է, թե մարդկանց չգիտեն ինչով թաղեն։ Եղած֊չեղածը վերջացել է։ Ես էլ որոշեցի գործերս դզել։
 +
 +
Օստապը, որ հետաքրքրությամբ լսել էր այդ ամբողջ խոսակցությունը, մեջ մտավ։
 +
 +
― Լսի՛ր պապաշա, էդ Փարիզումն է գրիպը խիստ տարածվել։
 +
 +
― Փարիզո՞ւմ։
 +
 +
― Հա, հա։ Գնա Փարիզ։ Էնտեղ կսաղացնես։ Ճիշտ է, վիզայի հետ կապված որոշ դժվարություններ կլինեն, բայց դու, պապաշա, մի տխրի։ Թե Բրիանը քեզ սիրեց, հիանալի կապրես, պալատական դագաղագործ կլինես Փարիզի մունիցիպալիտետում։ Իսկ այստեղ մեր դագաղագործներն էլ հերիք են։
 +
 +
Բեզենչուլը շշմած նայեց չորս կողմը։ Իսկապես, հրապարակի վրա, չնայած Պրուսիսի հավաստիացումներին, մեռելներ չէին թափված, մարդիկ կայտառ կանգնել էին ուտքի վրա, և նրանցից մի քանիսը նույնիսկ ծիծաղում էին։
 +
 +
Գնացքը վաղուց արդեն տարել էր և՛ կոնցեսիոներներին, և՛ Կոլումբի թատրոնին և մնացած ժողովրդին, իսկ Բեզենչուկը դեռ շշմած կանգնել էր իր դագաղների գլխին։ Վերահաս մթության մեջ նրա աչքերը վառվում էին դեղին, անշեղ կրակով։
 +
 +
 +
==Կախարդական գիշեր Վոլգայի վրա==
 +
 +
Վոլգայի պետական գետային նավագնացության ուղևորների կառամատույցից ձախ, «Կառանիր օղակից, պահպանիր վանդակը, պատերին մի դիպչիր» մակագրության տակ կանգնել էր մեծ կոմբինատորը իր բարեկամ և ամենամոտ օգնական Կիսա Վորոբյանինովի հետ։
 +
 +
Նավահանգիստների վրա դրոշներ էին ծածանվում։ Ծաղկակաղամբի պես գանգուր ծուխը քուլա֊քուլա բարձրանում էր շոգենավերի ծխնելույզներից։ Բեռնում էին N 2 նավամատույցի մոտ կանգնած «Անտոն Ռուբինշտեյն» շոգենավը։ Բեռնակիրները երկաթյա ճանկերը խրում էին բամբակի հակերի մեջ, նավահանգստում քառանկյունի ձևով դասավորվել էին չուգունե պուտուկներ, թափված էին թաց ու աղած կաշիներ, կապոցներով լարեր, թերթապակիներով լի արկղեր, խուրձ կապելու շպագատի կծիկներ, աղացաքարեր, գյուղատնտեսական երկգույն մեքենաներ, փայտյա եղաններ, թարմ կեռասով լեցուն ճլոպակար զամբյուղներ և սելյոդկայի տակառներ։
 +
 +
«Սկրյաբինը» չկար։ Դա շատ էր անհանգստացնում Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Ի՞նչ եք դարդ անում, ― հարցրեց Օստապը։ ― Պատկերացրեք, թե «Սկրյաբինը» այստեղ է։ Ինչպե՞ս եք նրա վրա ընկնելու։ Եթե նույնիսկ տոմս գնելու փող ունենայինք, էլի ոչինչ դուրս չէր գա։ Այդ շոգենավը ուղևորներ չի վերցնում։
 +
 +
Օստապը դեռ գնացքում կարողացավ զրուցել հիդրոմամուլի վարիչ մոնտյոր Մեչնիկովի հետ և ամեն բան իմանալ նրանից։ «Սկրյաբին» շոգենավը վարձվել էր Ֆինժողկոմատի կողմից և կատարելու էր ռեյս Նիժնիից մինչև Ցարիցին, կանգ առնելով յուրաքանչյուր նավահանգստում և շահող փոխառության խաղարկություններ կատարելով։ Դրա համար Մոսկվայից մեկնում էր մի ամբողջ հիմնարկություն․ խաղարկության հանձնաժողով, գրասենյակ, փողային նվագախումբ, կինոօպերատոր, կենտրոնական թերթերի թղթակիցներ և Կոլումբի թատրոնը։ Ճանապարհին թատրոնը ցույց էր տալու պիեսներ, որոնցով ժողովրդականացվում էր պետփոխառությունների գաղափարը։ Մինչև Ցարիցին թատրոնը լինելու էր խաղարկության հանձնաժողովի լիակատար տնօրինության տակ, իսկ հետո պատրաստվում էր իր ռիսկով և պատասխանատվությամբ գաստրոլային մեծ ուղևորություն կատարել «Ամուսնություն»֊ով՝ Կովկասում և Ղրիմում։
 +
 +
«Սկրյաբինը» ուշանում էր։ Խոստացել էին, թե երեկոյան դեմ միայն կգա գետախորշից, որտեղ վերջին պատրաստություններն էին տեսնում։ Ուստի և Մոսկվայից ժամանած ամբողջ ապարատը, սպասելով բեռնվելուն, բացօթևան էր սարքել նավահանգստում։
 +
 +
Քնքուշ արարածները ճամպրուկներով և պորտպլեդներով նստել էին լարահակերի վրա, պահպանելով իրենց ունդերվուդները, և երկյուղածությամբ նայում էին բեռնակիրներին։ Աղացաքարի վրա տեղավորվել էր մանուշակագույն այծմորուքով մի քաղաքացի։ Նրա ծնկների վրա դրված էր էմալե տախտակիկների մի կապոց։ Հետաքրքրվողը վերևի տախտակին կարող էր կարդալ․
 +
 +
:::::::Փոխադարձ հաշիվների բաժին
 +
 +
Պատվանդաններով գրասեղանները և ավելի համեստ սեղանները դարսված էին իրար վրա։ Կնքված անկիզելի պահարանի մոտ անցուդարձ էր անում պահակը։ «Հաստոցի» ներկայացուցիչ Պերսիցկին Ցեյսի ութապատիկ մեծացնող հեռադիտակով նայում էր տոնավաճառի տերիտորիային։
 +
 +
Հոսանքին հակառակ դառնալով, մոտենում էր «Սկրյաբին» շոգենավը։ Նավակողերին նա կրում էր ֆաներե վահաններ հսկա պարտատոմսերի ծիածանագույն նկարներով։ Շոգենավը մռնչաց, նմանեցնելով մամոնտի կամ գուցե ուրիշ մի կենդանու ճիչին, որ նախապատմական ժամանակներում փոխարինել է շոգենավաշչակին։
 +
 +
Ֆինանսա֊թատերական բացօթևանը կենդանացավ։ Քաղաքի վայրէջքներով վազում էին տիրաժային ծառայողները։ Փոշու ամպերի մեջ կորած դեպի շոգենավն էր գլորվում հաստլիկ Պլատոն Պլաշչուկը։ Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը դուրս վազեցին «Լաստ» պանդոկից։ Բեռնակիրները արդեն աշխատում էին կեռերով անկիզելի պահարանի վրա։ Ակրոբատիկայի հրահանգիչ Ժորժետտա Տիրասպոլկիխը մարմնամարզական քայլով վազեց կամրջակով։ Սիմբիևիչ֊Սինդիևիչը, իրեղեն ձևավորման մտահոգություններով լեցուն, ձեռքերը մեկնում էր մերթ դեպի կրեմլյա բարձրունքները, մերթ նավակամրջակի վրա կանգնած նավապետին։ Կինոօպերատորը անցկացրեց իր ապարատը բազմության գլուխներից բարձր պահած և դեռ տեղ չհասած պահանջում էր չորստեղանոց նավասենյակ՝ այնտեղ լաբորատորիա սարքերլու համար։
 +
 +
Ընդհանուր իրարանցման պահին Իպոլիտ Մատվեևիչը մոտեցավ աթոռներին և, գլուխը կորցրած, աթոռներից մեկը այն է հա քաշում էր մի կողմ։
 +
 +
― Թողե՛ք աթոռը, ― գոռաց Բենդերը։ ― Խելքներդ թռցրե՞լ եք, ինչ է։ Մի աթոռ վերցնենք, մյուսները ընդմիշտ կկորչեն մեզ համար։ Լավ կլիներ մտածեինք, թե ինչպես ընկնենք շոգենավ։
 +
 +
Նավամատույցով անցան պղնձե շեփորներով գոտևորված նվագողները։ Նրանք զզվանքով էին նայում սակսոֆոնների, ֆլեկսոտոնների, Էսմարխի գարեջրաշշերի և գավաթների վրա, որով զինված էր հնչյունային ձևավորումը։
 +
 +
Խաղարկման անիվները բերեցին Ֆորդի ֆուրգոնչիկով։ Դա մի բարդ կոնստրուկցիա էր, բաղկացած պտտվող վեց գլաններից, որոնք փայլում էին պղնձով և ապակիով։ Նրա տեղադրումը ներքևի տախտակամածում շատ ժամանակ խլեց։
 +
 +
Դոփդոփյունը և լեզվակռիվը տևեց մինչև ուշ երեկո։
 +
 +
Խաղարկության դահլիճում բեմ էին սարքում, պատերին փակցնում էին պլակատներ ու լոզունգներ, փայտյա նստարաններ էին շարում այցելուների համար և էլեկտրալարերը միացնում խաղարկման անիվներին։ Գրասեղանները դասավորեցին նավախելում, իսկ մեքենագրուհիների նավասենյակից ծիծաղի հետ մեջընդմեջ լսվում էր գրամեքենաների չխկչխկոց։ Մանիշակագույն այծմորուքով գունատ մարդը անցնում էր շոգենավով և համապատասխան դռներին փակցնում էր էմալապատ տախտակները․
 +
 +
::::::::Փոխադարձ հաշիվների բաժին
 +
 +
:::::::::::Անձնական սեղան
 +
 +
::::::::::Ընդհանուր գրասենյակ
 +
 +
Այծմորուքով մարդը մեծ տախտակների կողքին կպցնում էր և ավելի փոքր տախտակներ։
 +
 +
:::::::::::Առանց գործի չմտնել
 +
 +
:::::::::::Ընդունելություն չկա
 +
 +
::::::::Կողմնակի անձանց մուտքը արգելվում է
 +
 +
:::::::Բոլոր տեղեկանքները մատենավարությունում
 +
 +
Առաջին կարգի սալոնը հատկացված էր դրամանիշների և բոների ցուցահանդեսին։ Այդ բանը վրդովմունքի պոռթկում առաջացրեց Գալկինի, Պալկինի, Մալկինի, Չալկինի և Զալկինդի մոտ։
 +
 +
― Բա մենք որտե՞ղ ենք ճաշելու, ― հուզվում էին նրանք։ ― Իսկ եթե անձրև գա՞։
 +
 +
― Օ՛յ, ― ասաց Նիկ․ Սեստրինը իր օգնականին, ― չեմ կարող․․․ Ինչ ես կարծում։ Սեյոժա, մենք չե՞նք կարող յոլա գնալ առանց հնչյունային ձևավորման։
 +
 +
― Ի՜նչ եք ասում, Նիկոլայ Կոնստանտինովիչ։ Արտիստները ընտելացել են ռիթմին։
 +
 +
Նորից աղմուկ բարձրացավ։ Հնգյակը հոտ էր առել, որ ներկայացման հեղինակը բոլոր չորս աթոռն էլ քարշ է տվել իր նավասենյակը։
 +
 +
― Այդպես, այդպես, ― հեգնանքով ասում էր հնգյակը։ ― Մենք փորձեր ենք անելու մահճակալների վրա նստած, իսկ չորս աթոռների վրա նստելու է Նիկոլայ Կոնստանտինովիչը իր կնոջ՝ Գուստայի հետ, որ ոչ մի առնչություն չունի մեր կոլեկտիվի հետ։ Գուցե մե՞նք էլ ճամփորդելիս կուզենանք մեր կանանց հետ լինել։
 +
 +
Ափից չարությամբ խաղարկման շոգենավի վրա էր նայում մեծ կոմբինատորը։
 +
 +
Կանչերի նոր պոռթկումը հասավ կոնցեսիոներների ականջին։
 +
 +
― Ինչո՞ւ ինձ շուտ չասացիք, ― բղավում էր հանձնաժողովի անդամը։
 +
 +
― Որտեղի՞ց իմանայի, որ նա հիվանդանալու է։
 +
 +
― Սատանան գիտե՝ թե ինչ բան է սա։ Այդ դեպքում գնացեք Գեղաշխ և պահանջեցեք, որ շտապ մեզ համար նկարիչներ ուղարկեն։
 +
 +
― Ո՞ւր գնամ, հիմա ժամը վեցն է։ Գեղաշխը վաղուց փակ է։ Շոգենավն էլ կես ժամից մեկնելու է։
 +
 +
― Այդ դեպքում ինքներդ կնկարեք։ Որ ձեր վրա եք վերցնում շոգենավի զարդարման պատասխանատվությունը, բարի եղեք գլուխ հանելու, ինչպես ուզում եք։
 +
 +
Օստապն արդեն վազում էր կամրջակով, արմունկներով դես ու դեն հրելով բեռնակիրներին, օրիորդներին և պարզապես հետաքրքրվողներին։ Մուտքի մոտ նրան բռնեցին։
 +
 +
― Անցաթո՛ւղթ։
 +
 +
― Ընկեր, ― գոռաց Բենդերը։ ― Դո՛ւք, դո՛ւք։ Հաստլի՛կ։ Որին նկարիչ է պետք։
 +
 +
Հինգ րոպե անց մեծ կոմբինատորը նստել էր լողացող խաղարկության հաստլիկ տնտեսվարի սպիտակ նավասենյակում և համաձայնության էր գալիս աշխատանքի պայմանների վերաբերյալ։
 +
 +
― Ուրեմն, ընկեր, ― ասում էր հաստլիկը, ― ձեզանից պահանջուն ենք հետևյալը․ գեղարվեստական պլակատների, մակագրությունների կատարում և տրանսպարանտի ավարտումը։ Մեր նկարիչը սկսեց այն և հիվանդացավ։ Մենք նրան թողեցինք այստեղ հիվանդանոցում։ Եվ, իհարկե, գեղարվեստական մասի վրա ընդհանուր հսկողություն։ Կարո՞ղ եք հանձն առնել այս ամենը։ Ընդ որում նախազգուշացնում եմ՝ աշխատանք շատ կա։
 +
 +
― Այո, կարող եմ հանձն առնել։ Ինձ վիճակվել է կատարել նման աշխատանք։
 +
 +
― Եվ դուք կարո՞ղ եք հենց հիմա գալ մեզ հետ։
 +
 +
― Մի քիչ դժվար կլինի, բայց կաշխատեմ։
 +
 +
Մեծ ու ծանր մի լեռ ընկավ տնտեսվարի ուսերից։ Մանկական թեթևություն զգալով, հաստլիկը լուսաճաճանչ հայացքով նայեց նկարչին։
 +
 +
― Ձեր պայմաննե՞րը, ― հանդգնորեն հարցրեց Օստապը։ ― Ի նկատի առեք, որ ես թաղման գրասենյակ չեմ։
 +
 +
― Պայմանները գործարքային են։ Գեղաշխի վարձաչափերով։
 +
 +
Օստապը խոժոռվեց, մեծ ճիգ ու ջանք գործադրելով։
 +
 +
― Բացի այդ ձրի ուտեստ, ― շտապ վրա բերեց հաստլիկը, և առանձին նավասենյակ։
 +
 +
― Դե լավ, ― ասաց Օստապը հառաչելով, ― համաձայն եմ։ Բայց հետս մի աշակերտ կա, ասիստենտ։
 +
 +
― Աշակերտի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Աշակերտի համար վարկեր բաց չեն թողնվել։ Ձեր հաշվին՝ խնդրեմ։ Թող ապրի ձեր նավասենյակում։
 +
 +
― Թող ձեր ասածը լինի։ Շա՜տ աչքաբաց տղա է։ Սովոր է սպարտական պայմաններին։
 +
 +
Օստապը անցաթուղթ ստացավ իր և աչքաբաց տղայի համար, գրպանեց նավասենյակի բանալին և դուրս ելավ շոգ տախտակամած։ Նա մեծ բավականություն էր զգում բանալուն ձեռք տալուց։ Դա առաջին անգամն էր իր փոթորկալից կյանքում։ Բանալի և բնակարան կար։ Միայն փող չկար։ Բայց փողն էլ գտնվում էր հենց կողքին, աթոռների մեջ։ Մեծ կոմբինատորը, ձեռքերը գրպանը դրած, քայլում էր նավակողի երկարությամբ, չնկատելով ափին մնացած Վորոբյանինովին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը սկզբում լուռ նշաններ էր անում, իսկ հետո համարձակվեց նույնիսկ ծվծվացնել։ Բայց Բենդերը խուլ էր։ Մեջքը կոնցեսիայի նախագահին դարձրած, նա ուշադիր հետևում էր, թե ինչպես հիդրավլիկ մամուլը իջեցնում են նավամբար։
 +
 +
Ափից հեռանալու վերջին պատրաստություններն էին տեսնում։ Ագաֆյա Տիխոնովնան, նույն ինքը Մուրան, տոտիկները կտկտացնելով, իր նավասենյակից վազում էր նավախել, նայում էր ջրերին, հիացմունքն էր հայտնում վիրտուոզ բալալայկա նվագողին և այդ ամենով շփոթություն մտցնում խաղարկման ձեռնարկության հարգարժան գործիչների շարքում։
 +
 +
Շոգենավը սուլեց երկրորդ անգամ։ Ահավոր ձայներից ամպերը տեղահան եղան։ Արևը կարմրեց և գլորվելով մտավ հորիզոնի հետևը։ Վերին քաղաքում վառվեցին լամպերն ու լապտերները։ Պոչաևի ձորակում գտնվող շուկայից լսվում էին գրամոֆոնների խռխռոցներ, որոնք մրցության մեջ էին մտել վերջին գնորդների առջև։ Շշմած ու միայնակ Իպոլիտ Մատվեևիչը ինչ֊որ բան էր բղավում, բայց ոչ ոք չէր լսում նրան։ Կարապիկի զրնգոցը խլացնում էր մնացած բոլոր ձայները։
 +
 +
Օստապ Բենդերը սիրում էր էֆեկտներ։ Միայն երրորդ շչակից հետո, երբ Իպոլիտ Մատվեևիչը արդեն չէր կասկածում, որ ինքը թողնված է բախտի քմահաճույքին, Օստապը նկատեց նրան։
 +
 +
― Ի՞նչ եք կանգնել մնացել չխոսկան հարսի պես։ Ես կարծում էի, թե դուք վաղուց արդեն շոգենավի վրա եք։ Հիմա կամրջակը կվերցնեն։ Շո՛ւտ վազեք։ Բա՛ց թողեք այդ քաղաքացուն։ Ահա անցաթուղթը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը գրեթե լալով, վազեց մտավ շոգենավ։
 +
 +
― Սա է՞ ձեր ասած տղան, ― հարցրեց տնտեսվարը կասկածելով։
 +
 +
― Սա է, ― ասաց Օստապը։ ― Մի՞թե վատ տղա է։ Ով կասի, թե սա աղջիկ է, թող առաջինը քար նետի վրաս։
 +
 +
Հաստլիկը մռայլ հեռացավ։
 +
 +
― Դե, Կիսա, ― նկատեց Օստապը, ― ստիպված ենք առավոտվանից նստել աշխատելու։ Հուսով եմ, որ դուք կարող եք ներկեր բաց անել։ Եվ հետո ահա թե ինչ․ ես նկարիչ եմ, վերջացրել եմ ՎԽՈՒՏԵՄԱՍ֊ը, իսկ դուք իմ օգնականն եք։ Եթե կարծում եք, որ այդպես չէ, ապա շտապ ետ վազեք, իջեք ափ։
 +
 +
Կանաչասև փրփուր դուրս պրծավ նավախելի տակից։ Շոգենավը ցնցվեց, ճղփացին պղնձե ծնծղաները, ֆլեյտաները, կորնետները, տրոմբոնները, բասերը փողհարել սկսեցին հիանալի մի մարշ, և քաղաքը, շուռ գալով ու հավասարակշռություն պահպանելով, տեղափոխվեց ձախ ափը։ Շոգենավը, շարունակելով դողալ, կանգնեց հոսանքի ուղղությամբ և արագ վազեց խավարի մեջ։ Ետևում օրորվում էին աստղերը, լամպերը և նավահանգստի գույնզգույն նշանները։ Մի րոպե անց շոգենավը այնքան հեռացավ ափից, որ քաղաքի լույսերն սկսեցին տեղում քարացած հրթիռային փոշեհատիկներ թվալ։
 +
 +
Դեռ լսվում էր աշխատող «ունդերվունդների» չխկչխկոցը, իսկ բնությունն ու Վոլգան իրենց գործը տեսնում էին։ Երանությունը համակել էր «Սկրյաբին» շոգենավով մեկնողներին։ Խաղարկության հանձնաժողովի անդամները քնքշանվաղորեն թեյ էին խմում։ Նավախելում կայացած տեխկոմի առաջին նիստում քնքշություն էր տիրում։ Այնպես աղմուկով էր շնչում տաք երեկոն, ջուրն այնպե՜ս էր ճղփում նավակողերին, այնպե՜ս արագ շոգենավի կողքով անցնում էին ափերի սև ուրվագծերը, որ տեղկոմի նախագահը, միանգամայն դրական մի մարդ, որ բերանը բաց էր արել արտասովոր իրադրության մեջ աշխատելու պայմանների մասին ճառ արտասանելու, բոլորի և հենց իր համար անսպասելի կերպով սկսեց երգել։
 +
 +
<poem>
 +
Լողում է նավը Վոլգայով,
 +
Վոլգա, Վոլգա, դու մայր գետ․․․
 +
</poem>
 +
 +
Իսկ նիստի մնացած խստադեմ մասնակիցները որոտացին կրկներգը․
 +
 +
Սիրենն է ծաղ֊կո՜ւմ։
 +
 +
Տեխկոմի նախագահի զեկուցման առթիվ այնպես էլ բանաձև չգրվեց։ Լսվեցին դաշնամուրի հնչյուններ։ Երաժշտական նվագակցության վարիչ Խ․ Իվանովը ամենալիրիկական նոտաներն էր կորզում գործիքից։ Վիրտուոզ բալալայկա նվագողը ընկել էր Մուրոչկայի ետևից և, սերն արտահայտելու համար սեփական խոսքեր չգտնելով, շշնջում էր ռոմանսի խոսքերը։
 +
 +
― Մի հեռանա։ Այրող են քո համբույրները։ Ես դեռ չեմ հոգնել կրքոտ փաղաքշանքից։ Լեռան կիրճերում չեն զարթնել ամպերը, չի հանգել հորիզոնը մարգարտյա աստղից․․․
 +
 +
Սիմբիևիչ֊Սինդևիչը, բազիրքից կառչած, հայում էր երկնի անհունությունը։ Նրա հետ համեմատած «Ամուսնության» իրեղեն ձևավորումը զայրացուցիչ խոզություն էր թվում։ Նա գարշանքով էր նայում իր ձեռքերին, որոնք թունդ մասնակցություն էին ունեցել կլասիկ կատակերգության իրեղեն ձևավորմանը։
 +
 +
Նվաղման ամենաբարձր պահին նավախելում տեղավորված Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը զարկեցին իրենց դեղատնային և գարեջրային պիտույքներին։ Նրանք փորձ էին անում։ Պատրանքն անմիջապես ցնդեց։ Ագաֆյա Տիխոնովնան հորանջեց և, ուշադրություն չդարձնելով ախ քաշող վիրտուոզի վրա, գնաց քնելու։ Տեղկոմականների հոգու խորքերում նորից հնչեց գլխապայմանագիրը և նրանք ձեռնամուխ եղան բանաձև գրելուն։ Սիմբիևիչ֊Սինդիևիչը հասուն դատողություններից հետո եկավ այն եզրակացության, որ «Ամուսնության» ձևավորումը այնքան էլ վատ չէ։ Մթության միջից ջղայնացած մի ձայն Ժորժետտա Տիրասպոլիխին կանչում էր ռեժիսյորի մոտ խորհրդակցության։ Գյուղերում շներ էին հաչում։ Հով֊զովն ընկավ։
 +
 +
Առաջին կարգի նավասենյակում Օստապը կաշվե բազմոցի վրա պառկած և նայելով կանաչ պարուսինով փաթաթած խցանե փրկագոտուն, հարցաքննում էր Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Դուք նկարել կարո՞ղ եք։ Շա՜տ ափսոս։ Ցավոք սրտի ես էլ չեմ կարող։
 +
 +
Նա մտածեց և շարունակեց․
 +
 +
― Իսկ տառեր կարո՞ղ եք։ Նույնպե՞ս չեք կարող։ Բոլորովին վատ է։ Չէ՞ որ մենք նկարիչներ ենք։ Երկու օր կարելի է մի կերպ քարշ տալ, իսկ հետո դուրս կնետեն։ Այդ երկու օրվա ընթացքում մենք պետք է կարողանանք անել այն ամենը, ինչ հարկավոր է մեզ։ Դրությունը փոքր֊ինչ բարդացել է։ Ես իմացա, որ աթոռները գտնվում են ռեժիսյորի նավասենյակում։ Բայց դա էլ վերջիվերջո սարսափելի չէ։ Կարևորն այն է, որ մենք շոգենավի վրա ենք։ Մինչև մեզ դուրս նետելը բոլոր աթոռները զննված պետք է լինեն։ Այսօր արդեն ուշ է։ Ռեժիսյորը քնած է նավասենյակում։
 +
 +
 +
==Անմաքուր զույգ==
 +
 +
 +
Մարդիկ դեռ քնած էին, բայց գետն ապրում էր ցերեկվա պես։ Անցնում էին լաստեր՝ գերանների վիթխարի դաշտեր՝ վրան խրճիթներ։ Փոքրիկ, չար մի բուքսիր, որի անվային պատյանի վրա կամարաձև գրված էր անունը՝ «Մրրիկների հրամայող», ետևից քարշ էր տալիս շարքով իրար կապած երեք նավթի բեռնանավ։ Ներքևից վազելով անցավ արագավազ փոստատար «Կարմիր Լատվիան»։ «Սկրյաբինը» անցավ հողահան քարավանից և, շերտավոր ձողով խորությունը չափելով, սկսեց աղեղ գծել, շուռ գալով հոսանքին հակառակ։
 +
 +
Շոգենավի վրա սկսեցին արթնանալ։ «Բարմինո» նավակայանի վրա թռավ շպագատով կշռաքարը։ Այդ կարթաթելով նավակայանի մարդիկ դեպ իրենց քաշեցին կապելու ճոպանի հաստ ծայրը։ Պտուտակներն սկսեցին պտտվել հակառակ կողմը։ Գետի կեսը լցվեց շարժուն փրփուրով։ «Սկրյաբինը» սկսեց դողալ պտուտակի շեշտակի հարվածներից և ամբողջ կողքով հպվեց նավամատույցին։ Դեռ վաղ էր։ Ուստի որոշեցին խաղարկությունն սկսել ժամը տասին։
 +
 +
«Սկրյաբինի» վրա ծառայությունն սկսվեց ճշտապահորեն ճիշտ ժամը իննին, ասես ցամաքի վրա լինեին։ Ոչ ոք չդավաճանեց իր սովորություններին։ Նա, ով ցամաքում էլ ուշանում էր գործից, ուշանում էր և այստեղ, թեև քնել էր հենց հիմնարկում։ Ֆինժողկոմատի շարժական հաստիքները բավական շուտ ընտելացան նոր ապրելակերպին։ Ցրիչներն ավլում էին նավասեյնակները նույն անտարբերությամբ, որով ավլում էին Մոսկվայի գրասենյակները։ Հավաքարարները թեյ էին բաժանում, վազեվազ թուղթ էին տանում մատենագրություից անձնական սեղան, բնավ չզարմանալով, որ անձնական սեղանը տեղավորված է նավախելում, իսկ մատենագրությունը ցռուկի վրա։ Փոխադարձ հաշիվների նավասենյակից լսվում էր համրիչնեերի կաստանյետային չխկչխկոցը և արիֆմոմետրի կրճտոցը։ Նավապետի խցիկի առջև ինչ֊որ մեկին շշպռում էին։
 +
 +
Մեծ կոմբինատորը վերին տախտակամածի վրա ոտքերն այրելով, քայլում էր կումաչի նեղ ու երկար շերտի շուրջը, նրա վրա ներկոտելով լոզունգ, որի տեքստը ամեն րոպե ստուգում էր թղթի վրա գրածի հետ։
 +
 +
«Բոլորդ դեպի խաղարկություն։ Յուրաքանչյուր աշխատավոր իր գրպանում պետք է ունենա պետփոխառության պարտատոմս»։
 +
 +
Մեծ կոմբինատորը շատ էր ջանում, բայց ընդունակությունների բացակայությունն այնուամենայնիվ զգացնել էր տալիս իրեն։ Գրածի ներկը ներքև հոսեց, և կումաչի մի կտորն ասես անհուսալիորեն փչացավ։ Այդ ժամանակ Օստապը, աշակերտ Կիսայի օգնությամբ, կտորը թարս շուռ տվեց ու նորից սկսեց ներկել։ Այժմ նա զգույշ էր։ Նախքան տառը նկարելը, նա կավճոտած թելով երկու զուգահեռ գծեր դրոշմեց և, կամացուկ հայհոյելով անմեղ Վորոբյանինովին, անցավ բառերի պատկերմանը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը բարեխղճորեն կատարում էր աշակերտի պարտականությունները։ Նա վազում էր ներքև տաք ջուր բերելու, սոսինձ էր հալում, փռշտալով ներկեր էր լցնում դույլի մեջ և քծնանքով նայում խստապահանջ նկարչի աչքերին։ Պատրաստի և չորացած լոզունգը կոնցեսիոներները իջեցրին ներքև և կպցրին նավակողին։
 +
 +
Օստապին վարձող հաստլիկը ափ վազեց և այնտեղից նայում էր նոր նկարչի աշխատանքին։ Լոզունգի տառերը զանազան հաստության էին և փոքր֊ինչ մի կողմի թեքված։ Սակայն, ելք չկար, ստիպված էին դրանով էլ բավարարվել։
 +
 +
Ափ իջավ փողային նվագախումբը և սկսեց կրակոտ մարշեր նվագել։ Ձայնի վրա ամբողջ Բարմինից երեխաներ թափվեցին, իսկ նրանց ետևից խնձորի այգիներից շարժվեցին տղամարդիկ և կանայք․․․ Նվագախումբը թնդացրեց օդը այնքան ժամանակ, մինչև որ խաղարկության հանձնաժողովի անդամները ափ իջան։ Սկսվեց միտինգ։ Կորոբկովի թեյարանի պատշգամբից հոսել սկսեցին զեկուցման առաջին հնչյունները՝ միջազգային դրության մասին։
 +
 +
Կոլումբականները, հավաքույթին նայում էին շոգենավից։ Այնտեղից երևում էին երկյուղծությամբ պատշգամբից փոքր֊ինչ հեռու կանգնած կանանց սպիտակ գլխակապերը, հռետորին ունկնդրող մուժիկների անշարժ բազմությունը և ինքը հռետորը, որ ժամանակ առ ժամանակ թափահարում էր ձեռքերը։ Ապա նվագեց երաժշտախումբը։ Նվագախումբը շուռ եկավ և, նվագը չդադարեցնելով, շարժվեց դեպի կամրջակը։ Նրա հետևից շարժվեց ամբոխը։
 +
 +
Խաղարկության ապարատը մեթոդիկորեն դուրս էր նետում թվերի կոմբինացիաներ։ Անիվները պտտվում էին, հրապարակում էին համարներ, բարմինցիները նայում էին ու լսում։
 +
 +
Մի րոպեով ներս վազեց Օստապը, համոզվեց, որ շոգենավի բոլոր բնակիչները նստած են խաղարկության դահլիճում, և նորից վազեց տախտակամած։
 +
 +
― Վորոբյանինո՛վ, ― շշնջաց նա, ― շտապ մի գործ կա գեղարվեստական մասի գծով։ Գնացեք առաջին կարգի միջանցքի ելքի մոտ և կանգնեք։ Մեկն ու մեկը մոտենալիս կլինի՝ բարձրաձայն երգեցեք։
 +
 +
Ծերուկը շշմեց։
 +
 +
― Ի՞նչ երգեմ։
 +
 +
― Համենան դեպս ո՛չ «Աստված, պահիր թագավորին»։ Որևէ կրքոտ երգ․ «Յաբլոչկա» կամ «Գեղեցկուհու սիրտը»։ Բայց զգուշացնում եմ, եթե ժամանակին չսկսեք ձեր արիան․․․ Սա ձեզ համար էքսպերիմենտալ թատրոն չէ։ Գլուխդ կպոկեմ։
 +
 +
Մեծ կոմբինատորը բոբիկ ոտքերը քստքստացնելով, դուրս վազեց բալագույն պանելներով պատած միջանցքը։ Միջանցքի վերջում դրված մեծ հայելին մի պահ անդրադարձրեց նրա կերպարանքը։ Նա կարդաց դռան վրայի տախտակիկը․
 +
 +
::::::::::::::Նիկ․ Սեստրին
 +
 +
::::::::::::«Կոլումբ թատրոնի ռեժիսյոր
 +
 +
Հայելին մաքրվեց։ Հետո նրա վրա կրկին հայտնվեց մեծ կոմբինատորը։ Նա ձեռքին բռնած ուներ ճկած ոտքերով մի աթոռ։ Նա սլացավ միջանցքով, դուրս եկավ տախտակամած և, հայացքներ փոխանակելով Իպոլիտ Մատվեևիչի հետ, աթոռը տարավ վերև, ղեկակալի խցիկը։ Ապակեպատ խցիկում ոչ ոք չկար։ Օստապը նավախել տարավ աթոռը և խրատական տոնով ասաց․
 +
 +
― Աթոռն այստեղ կմնա մինչև գիշեր։ Ես ամեն ինչ մտածել եմ։ Այստեղ գրեթե ոչ ոք չի լինում, մեզանից բացի։ Եկեք աթոռը ծածկենք պլակատներով, մթնելուն պես հանգիստ կծանոթանանք նրա բովանդակության հետ։
 +
 +
Մի րոպե անց ֆաներե թերթերի և կումաչի տակ կորած աթոռն այլևս չէր երևում։
 +
 +
Ոսկու տենդը նորից համակեց Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ չտանենք մեր նավասենյակը, ― հարցրեց նա անհամբեր։ ― Մենք հենց հիմա էլ կաբցեինք այն։ Եվ եթե ադամանդները գտնեինք, անմիջախես ափ․․․
 +
 +
― Իսկ եթե չգտնեի՞նք։ Այդ դեպքո՞ւմ։ Ինչ անենք աթոռի հետ։ Թե, մի գուցե ետ տանենք քաղաքացի Սեստրինին և քաղաքավարի ասենք՝ «Ներեցեք, մենք գողացել էինք ձեր աթոռը, բայց դժբախտաբար, մեջը բան չգտանք, այնպես որ ետ ստացեք փոքր֊ինչ փչացած վիճակում»։ Այդպե՞ս կվարվեիք։
 +
 +
Մեծ կոմբինատորը իրավացի էր, ինչպես միշտ։ Իպոլիտ Մատվեևիչը շփոթվածությունից սթափվեց միայն այն պահին, երբ տախտակամածից լսվեցին Էսմարխի գավաթների և գարեջրի շշերի վրա կատարվող նախերգանքի հնչյունները։
 +
 +
Այդ օրվա խաղարկության գործարքներն ավարտվեցին։ Հանդիսականները տեղավորվեցին ափի լանջերին և սպասածից ավելի աղմուկով էին արտահայտում իրենց հավանությունը դեղատնա֊նեգրական անսամբլին։ Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը հպարտորեն նայում էին, կարծես ասելով․ «Այ տեսնո՞ւմ եք։ Իսկ դուք պնդում էիք, թե լայն մասսաները չեն հասկանա։ Արվե՜ստը, նա միշտ էլ տեղ է հասնում»։
 +
 +
Ապա հանպատրաստից շինած բեմի վրա կոլումբցիները մի թեթև վոդևիլ խաղացին՝ երգերով ու պարերով, որի բովանդակությունն այն էր, թե ինչպես Վավիլան շահեց հիսուն հազար ռուբլի և ինչ դուրս եկավ դրանից։ Նիկսեստրինյան կոնստրուկտիվիզմի կապանքները դեն նետած արտիստները խաղում էին ուրախ, պարում էին եռանդուն և երգում դուրեկան ձայներով։ Ափը միանգամայն բավարարված էր։
 +
 +
Երկրորդ համարով ելույթ ունեցավ վիրտուոզ բալալայկա նվագողը։ Ափը ծածկվեց ժպիտներով։
 +
 +
«Տիրուհի, տիրուհի, ― կտկտացնում էր վիրտուոզը, ― իմ սիրուհի֊ տիրուհի»։
 +
 +
Բալալայկան շարժման մեջ դրվեց։ Նա թռչում էր արտիստի մեջքի հետևը, և մեջքի ետևից լսվում էր՝ «Թե որ աղան շղթա ունի, ասել է՝ ժամացույց չունի»։ Նա օդ էր թռչում և իր կարճատև թռիչքի ընթացքում բավական դժվարին վարիացիներ էր բաց թողնում։
 +
 +
Հասավ Ժորժետտա Տիրասպոլկիխի հերթը։ Նա իր հետ մի երամակ սարաֆան հագած աղջիկներ դուրս բերեց։ Համերգը վերջացավ ռուսական պարերով։
 +
 +
Մինչ «Սկրյաբինը» կպատրաստվեր հետագա նավարկման, մինչ կապիտանը խողովակի միջով կբանակցեր մեքենայական բաժանմունքի հետ և նավի հնոցները կբոցկլտային՝ ջուրը տաքացնելով, փողային նվագախումբը նորից ափ իջավ և ի բավականություն բոլորի սկսեց նվագել պարեղանակներ։ Գոյացան գեղատեսիլ, շարժուն խմբեր։ Մայր մտնող արևը ծիրանագույն մեղմ լույս էր ուղարկում։ Վրա հասավ կինոնկարահանումների իդեալական ժամը։ Եվ իրոք, օպերատոր Պոլկանը, հորանջելով, դուրս եկավ նավասենյակից։ Վորոբյանինովը, որն արդեն ընտելացել էր ընդհանուրի աշակերտ լինելու իր ամպլուային, Պոլկանի ետևից զգուշությամբ տանում էր նկարահանման ապարատը։ Պոլկանը մոտեցավ նավակողին և շրջահայեց ափը։ Այնտեղ կանաչի վրա պարում էին զինվորական պոլկա։ Ջահել աղջիկները բոբիկ ոտքերով այնպես ուժգին էին դոփում, ասես ուզում էին ճեղքել մեր մոլորակը։ Աղջկերքը լողում էին։ Ափի դարավանդներում և վայրէջքների վրա տեղավորվել էին հանդիսականները։ «Ավանգարդ» խմբի ֆրանսիական կինոօպերատորն այստեղ երեք օրվա աշխատանք կգտներ։ Մինչդեռ Պոլկանը, առնետի աչքերը ափով մեկ սահեցնելուց հետո, անմիջապես շուռ եկավ, յորդայով մոտ վազեց «հանձնաժաղովի» նախագահին, դեմ արեց նրան ճերմակ պատին, ձեռքը մի գիրք խոթեց և, խնդրելով չշարժվել, երկար ու սահուն պտտում էր ապարատի բռնակը։ Հետո նա քաշվող նախագահին տարավ նավախել և նկարահանեց մայրամուտի ֆոնի վրա։
 +
 +
Նկարահանումն ավարտելով, Պոլկանը ուռած֊փքված հեռացավ ու փակվեց իր նավասենյակում։
 +
 +
Շչակը նորից ոռնաց, և արևը նորից փախավ վախեցած։ Վրա հասավ երկրորդ գիշերը։ Շոգենավը պատրաստ էր մեկնելու։
 +
 +
Օստապը ահուդողով մտորում էր վաղվա օրվա մասին։ Նա ստվարաթղթից կտրելու էր սերմնացանի կերպարանք, որը պարտատոմսեր է շաղ տալիս։ Մեծ կոմբինատորի ուժերից վեր էր գեղարվեստական այդ քննությունը։ Եթե Օստապը մի կերպ տառերից գլուխ էր հանում, ապա սերմնացանի գեղարվեստական պատկերման համար արդեն ոչ մի ռեսուրս չէր մնացել։
 +
 +
― Ուրեմն, ի նկատի ունեցեք, ― զգուշացնում էր հաստլիկը, ― Վասյուկիից դենը մենք սկսում ենք երեկոյան խաղարկությունները, և առանց տրանսպարանտի ոչ մի կերպ յոլա գնալ չենք կարող։
 +
 +
― Խնդրեմ չանհանգստանաք, ― հայտարարեց Օստապը, հույսն ավելի շուտ դնելով ոչ թե վաղվա առավոտվա, այլ այսօրվա երեկոյի վրա, ― տրանսպարանտը կլինի։
 +
 +
Վրա հասավ աստղալից, քամի գիշերը։ Խաղարկության տապանի բնակիչները քնեցին։
 +
 +
Խաղարկության հանձնաժողովի առյուծները խոր քուն էին մտել։ Քնել էին անձնական սեղանի գառնուկները, հաշվապահության այծերը, փոխադարձ հաշիվների բաժնի ճագարները, հնչյունային ձևավորման բորենիներն ու չախկալները, մեքենագրական բյուրոյի աղունիկները։
 +
 +
Չէր քնել միայն անմաքուր զույգը։ Մեծ կոմբինատորը դուրս ելավ իր նավասենյակից գիշերվա ժամը մեկի մոտերքը։ Նրանք բարձրացան վերին տախտակամածը և անլսելի մոտեցան ֆաներե թերթերի տակ թաքցրած աթոռին։ Ծածկույթը զգուշությամբ դեն նետելով, Օստապը ոտների վրա դրեց աթոռը, ծնոտները սեղմելով, տափակբերանով պատռեց վրայի կարը և ձեռքը կոխեց նստելատեղի տակ։
 +
 +
Քամին սուրում էր վերին տախտակամածով։ Երկնքում թեթևակի շարժվում էին աստղերը։ Ոտքերի տակ, խոր ներքևում, ճողփում էր սև ջուրը։ Ափերը չէին երևում։ Իպոլիտ Մատվեևիչը դողում էր։
 +
 +
― Կա՛, ― ասաց Օստապը խեղդված ձայնով։
 +
 +
 +
:::::::::: Տեր Ֆյոդորի նամակը
 +
 +
:::Գրված Բաքվում «Արժեք» կահավորված սենյակներից
 +
 +
::::::Գավառական N քաղաքում ապրող իր կնոջը
 +
 +
Թանկագին և անգին իմ Կատյա։
 +
 +
Ժամ առ ժամ մոտենում ենք մեր բախտավորությանը։ Գրում եմ քեզ «Արժեք» կահավորված սենյակներից, այն բանից հետո, երբ գործով եղա բոլոր տեղերը։ Բաքուն շատ մեծ քաղաք է։ Այստեղ, ասում են, նավթ են հանում, բայց այնտեղ պետք է գնալ էլեկտրական գնացքով, իսկ ես փող չունեմ։ Գեղատեսիլ քաղաքը ողողվում է Կասպից ծովով։ Դա իրոք իր չափերով շատ մեծ ծով է։ Սարսափելի շոգ է այստեղ։ Մի ձեռքիս վերարկուն է, մյուսին՝ պիջակը, էլի շոգ է։ Ձեռքերս քրտնում են։ Մի գլուխ թեյ եմ խմում։ Իսկ փող համարյա թե չկա։ Բայց ոչինչ, հոգյակդ իմ Կատերինա Ալեքսադրովնա, շուտով բազում քանակությամբ փող կունենանք։ Կլինենք ամենուրեք, իսկ հետո ուզածիդ պես բնակություն կհաստատենք Սամարայում, մեր փոքրիկ գործարանի մոտերքը, և մրգօղի կխմենք։ Սակայն, մոտենանք խնդրին։
 +
 +
Բաքու քաղաքն իր աշխարհագրական դիրքով և ազգաբնակչության քանակով զգալիորեն գերազանցում է Ռոստով քաղաքին։ Սակայն իր շարժումով զիջում է Խարկով քաղաքին։ Այլազգիներն այստեղ բազում են։ Մանավանդ շատ հայեր կան և պարսիկներ։ Այստեղից, սիրելիս, մինչև Թուրքիա հեռու չի։ Եղա և շուկայում, և տեսա բազում թուրքական ապրանքներ ու շալեր։ Ուզեցա քեզ համար որպես նվեր մուսուլմանական մի ծածկոց գնել, համա փող չկար։ Մտքովս անցավ, որ երբ հարստանանք (իսկ դրան հաշված օրեր են մնացել) այն ժամանակ էլ հնարավոր կլինի մուսուլմանական ծածկոց գնել։
 +
 +
Օ՜խ, տիրուհի, մոռացա քեզ գրել երկու ահավոր դեպքի մասին, որ պատահեց ինձ հետ Բաքու քաղաքում․ 1) քո եղբոր, հացթուխի պիջակը ձեռքիցս ընկավ ծովը և 2) շուկայում սապատավոր մի ուղտ թքեց վրաս։ Այդ երկու պատահարներն ինձ անասելի զարմացրին։ Ինչո՞ւ են իշխանությունները թույլ տալիս նման անվայել արարմունքներ եկվոր ուղևորների նկատմամբ, մանավանդ, որ ես ուղտին ձեռք չտվեցի, այլ նույնիսկ հաճելի բան արեցի՝ ճիպոտով խտուտ տվի քթածակերի մեջ։ Իսկ պիջակը ամբողջ համայնքով վրա էին տվել բռնելու, հազիվ բռնեցին, բայց արի տես, որ դուրս եկավ ամբողջովին նավթոտած։ Չգիտեմ, թե ինչ եմ ասելու քո եղբորը, հացթուխին։ Դու, աղունիկս, առայժմ լեզուդ քեզ պահիր։ Դեռ ճաշո՞ւմ է Եվստիգնեևը։
 +
 +
Նամակը վերստին կարդացի և տեսա, որ գործի մասին դեռ ոչինչ չեմ գրել։ Ինժեներ Բռունսը իրոք որ աշխատում է Ազնեֆտում։ Միայն թե հիմա նա Բաքու քաղաքումը չէ։ Արձակուրդ է գնացել Բաթում քաղաքը։ Նրա ընտանիքը մշտապես բնակվում է Բաթումում։ Այստեղ ես խոսեցի մի քանիսի հետ, և նրանք ասում են, թե իրոք, Բռունսի ողջ կահույքը Բաթումումն է գտնվում։ Այնտեղ նա ապրում է ամառանոցում՝ Կանաչ Հրվանդանում, կա մի այդպիսի ամառանոցային տեղ (թանկ տեղ է, ասում են)։ Այստեղից մինչև Բաթում ճանապարհածախսն արժե 15 ռուբլի և մի քանի կոպեկ։ Ուղարկիր հեռագրով այստեղ քսան, Բաթումից ամեն ինչի մասին կհեռագրեմ։ Քաղաքում լուր տարածիր, որ ես դեռ մինչև օրս գտնվում եմ Վորոնեժում՝ մորաքրոջս անկողնու մոտ։
 +
 +
::::::::::::::::::Հավետ քո ամուսին Ֆեդյա։
 +
 +
Հետ գրոց․ Նամակը փոստարկղ տանելիս, «Արժեքի» համարներում գողացան ինձանից քո եղբոր, հացթուխի, վերարկուն։ Մեծ վշտի մեջ եմ։ Լավ է, որ հիմա ամառ է։ Դու եղբորդ ոչինչ մի ասի։
 +
 +
 +
==Արտաքսում դրախտից==
 +
 +
 +
Մինչդեռ վեպի հերոսներից ոմանք համոզված էին, որ ժամանակը կհամբերե, իսկ ուրիշները ենթադրում էին, թե ժամանակը չի սպասում, ժամանակն ընթանում էր իր կարգով։ Մոսկովյան փոշառատ մայիսին հաջորդեց փոշառատ հունիսը։ Գավառական N քաղաքում Պետ․ N 1 ավտոմոբիլը, դարուփոսի վրա վնասվածք ստանալով, արդեն երկու շաբաթ է կանգնած էր Ստարոպանի հրապարակի և ընկեր Գուբերնսկու անվան փողոցի անկյունում, ժամանակ առ ժամանակ կատաղի ծխի մեջ կորցնելով շրջակայքը։ Ստարգորոդի կալանատնից մեկ֊մեկ դուրս էին գալիս «Արի և խոփի» դավադրության շփոթված մասնակիցները․ նրանցից ստորագրություն էին վերցրել քաղաքից չմեկնելու մասին։ Այրի Գրիցացուևան (կրակոտ կին՝ պոետի երազանքը) վերադարձել էր բախկալի իր գործին և տուգանվել տասնհինգ ռուբլով, որովհետև աչքի ընկնող տեղում գնացուցակ չէր կախել՝ նշելով սապնի, տաքդեղի, լեղակի և նման մանր֊մունր ապրանքների գները, ― մոռացկոտություն, որ ներելի է մեծ սրտի տեղ կնոջը։
 +
 +
 +
― Կա՛, ― կրկնեց Օստապը խանգարված ձայնով։ ― Բռնեցե՛ք։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը դողդոջուն ձեռքերով վերցրեց տախտակյա տափակ արկղիկը։ Օստապը մթության մեջ շարունակում էր քչփորել աթոռի խորքը։ Փայլատակեց ափի փարոսը։ Ջրի վրա ընկավ ոսկյա մի սյուն, և սկսեց լողալ նավի ետևից։
 +
 +
― Գրո՜ղը տանի, ― ասաց Օստապը։ ― Ուրիշ ոչինչ չկա։
 +
 +
― Չ֊չ֊չ֊ի կարող պատահել, ― թոթովեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Դե, ինքներդ էլ նայեցեք։
 +
 +
Վորոբյանինովը, շնչակտուր ծունկի եկավ և ձեռքը մինչև արմունկը կոխեց նստատեղի տակ։ Մատների արանքում շոշափեց զսպանակի հիմքը։ Ուրիշ ոչ մի կարծր բան չկար։ Աթոռից անհանգստացրած փոշու չոր ու գարշելի հոտ էր փչում։
 +
 +
― Չկա՞, ― հարցրեց Օստապը։
 +
 +
― Չէ։
 +
 +
Այն ժամանակ Օստապը բարձրացրեց աթոռը և շպրտեց նավակողից հեռու։ Լսվեց ծանր ճողփյուն։ Կոնցեսիոներները, գիշերվա խոնավությունից սարսռելով, տարակուսած վերադարձան իրենց նավասենյակը։
 +
 +
― Այդպե՜ս, ― ասաց Բենդերը։ ― Համենայն դեպս ինչ֊որ բան գտանք։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հանեց գրպանից արկղիկը և ապուշ կտրած նայեց նրա վրա։
 +
 +
― Տվե՛ք, տվե՛ք։ Ի՞նչ եք աչքներդ չռել։
 +
 +
Արկղիկը բացեցին։ Հատակին ընկած էր մետաղյա կանաչ թերթիկ հետևյալ մակագրությամբ․
 +
 +
::::::::::Սույն կիսաբազկաթոռով
 +
 +
:::::::::::::Վարպետ
 +
 +
:::::::::::::Համբսը
 +
 +
::::::::::Սկսում է կահույքի նոր պարտիա
 +
 +
::::::::::1865 թ․ Սանկտ֊Պետերբուրգ։
 +
 +
Օստապն այդ մակագրությունը կարդաց բարձրաձայն։
 +
 +
― Իսկ ադամանդներն ո՞ւր են, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Դուք զարմանալի կերպով շուտ եք գլխի ընկնում, տաբուրետկաների ետևից ընկած որսո՛րդ։ Ադամանդը, ինչպես տեսնում եք, չկա։
 +
 +
Ցավալի էր նայել Վորոբյանինովին։ Թեթևակի աճած բեղերը շարժվում էին, պենսնեի ապակիները՝ մշուշապատվել։ Թվում էր, թե նա հուսահատությունից ականջներով խփում է իր այտերին։
 +
 +
Մեծ կոմբինատորի սառը, խոհական ձայնը իր սովորական մոգական ազդեցությունն ունեցավ։ Վորոբյանինովը ձեռքերը մաշված կողքերին ձգած լռեց։
 +
 +
― Լռի՛ր, թախիծ իմ, լռի՛ր, Կիսա։ Երբևէ մենք կծիծաղենք ութերորդ հիմար աթոռի վրա, որի մեջ գտնվեց տխմար մի տախտակիկ։ Դիմացե՛ք։ Դեռ երեք աթոռ էլ կա՝ հարյուրից իննսունինը շանս։
 +
 +
Գիշերվա ընթացքում ծայր աստիճանի դառնացած Իպոլիտ Մատվեևիչի այտի վրա հրաբխային մի պզուկ էր ժայթքել։ Ադամանդների ետևից ընկնելու բոլոր տանջանքները, բոլոր տառապանքները, բոլոր ձախորդությունները, ― այդ ամենը ասես պարփակվել էր պզուկի մեջ և նա հիմա փողփողում էր սադափի, բալի և լեղակի գույներով։
 +
 +
― Դուք այդ դիտմա՞մբ եք արել, ― հարցրեց Օստապը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ջղաձգորեն հառաչեց և, երկար, կարթաձողի պես փոքր֊ինչ կռացած, գնաց ներկեր բերելու։ Սկսվեց տրանսպարանտի պատրաստումը։ Կոնցեսիոներներն աշխատում էին վերին տախտակամածում։
 +
 +
Եվ սկսվեց նավարկության երրորդ օրը։
 +
 +
Այն սկսվեց փողային նվագախմբի և հնչյունային ձևավորման միջև փորձատեղի համար ծագած կարճատև ընդհարումով։
 +
 +
Ընթրիքից հետո միաժամանակ երկու կողմերից դեպի նավախել ուղղվեցին պղնձե շեփորներով զինված քաջառողջ տղաները և էսմարխյան գավաթների լղպոր ասպետները։ Նավախելի նստարանին առաջինը հաջողացրեց նստել Գալկինը։ Երկրորդը վրա վազեց փողային նվագախմբի կլարնետը։
 +
 +
― Տեղը զբաղված է, ― մռայլ ասաց Գալկինը։
 +
 +
― Ո՞ւմ կողմից, ― չարագուժորեն հարցրեց կլարնետը։
 +
 +
― Ի՛մ, Գալկինի։
 +
 +
― Էլ ո՞ւմ։
 +
 +
― Պալկինի, Մալկինի, Չալկինի և Զալկինդի։
 +
 +
― Իսկ Յոլկին չունե՞ք։ Սա մեր տեղն է։
 +
 +
Երկու կողմերից էլ օժանդակ ուժեր էին մոտենում։ Պղնձե օձով երեքտակ գոտևորված կանգնել էր հելիկոնը՝ նվագախմբի ամենահզոր մեքենան։ Օրորվում էր ականջանման վալտորնը։ Տրոմբոնները կանգնել էին մարտական լիակատար պատրաստակամությամբ։ Արևն հազար անգամ անդրադարնում էր մարտական զենք ու զրահի վրա։ Մութ ու մանր էր երևում հնչյունային ձևավորումը։ Այնտեղ պեծին էր տալիս շշի ապակին, գունատ պսպղում էին հոգնայի գավաթները, և սակսոֆոնը՝ փողային գործիքի այդ զայրացուցիչ պարոդիան, իսկական փողային շեփորից հանված այդ սերմնագեղձը, ― խղճուկ վիճակումն էր և նմանվում էր ծխամորճիկի։
 +
 +
― Հոգնայի գումարտակը, ― ասաց կռվարար կլարնետը, ― տեղի հավակնություն ունի։
 +
 +
― Դուք, ― ասաց Զալկինդը, ջանալով խիստ վիրավորական մի խոսք գտնել, ― դուք երաժշտության բնագավառում պահպանողականներ եք։
 +
 +
― Մի խանգարեք մեզ փորձելու։
 +
 +
― Այդ դուք եք մեզ խանգարում։ Ձեր գիշերային անոթների վրա որքան քիչ փորձեք, այնքան սիրուն կստացվի։
 +
 +
― Իսկ ձեր ինքնաեռների փորձեք֊չփորձեք, բան դուրս չի գա։
 +
 +
Երկու կողմերն էլ, ոչ մի համաձայնության չգալով, մնացին տեղերում և ամեն մեկն սկսեց համառորեն իրենը նվագել։ Գետն ի վար հոսում էին ձայներ, որ կարող էր արձակել միայն փշրված ապակու վրայով դանդաղ անցնող տրամվայը։ Փողայինները նվագում էին Կեքսհոլմի լեյբ֊գվարդիական գնդի մարշը, իսկ հնչյունային ձևավորումը՝ «Անտիլոպը Զամբեզիի ակունքներում» նեգրական պարեղանակը։ Սկանդալը դադարեց խաղարկության հանձնաժողովի նախագահի անձնական միջամտությունից հետո։
 +
 +
Ժամը տասնմեկի մոտերքը մեծ աշխատանքն ավարտվեց։ Օստապն ու Վորոբյանինովը, ետ֊ետ գնալով, քարշ տվեցին տրանսպարանտը նավապետի կամրջակի մոտ։ Նրանց առջևից, ձեռքերը աստղերին մեկնած, վազում էր հաստլիկ տնտեսվարը։ Տրանսպարանտը ընդհանուր ջանքերով կախվեց բազիրքներից։ Նա էկրանի պես հառնել էր ուղևորների տախտակամածի վերևում։ Էլեկտրատեխնիկը կես ժամվա ընթացքում լարեր անցկացրեց տրանսպարանտի մեջքին և ներսում երեք լամպ հարմարեցրեց։ Մնում էր պտտեցնել անջատիչը։
 +
 +
Առջևում, ցռուկից աջ, արդեն առկայծում էին Վասյուկի քաղաքի լույսերը։
 +
 +
Տնտեսվարը տրանսպարանտի լուսավորման հանդեսին հրավիրել էր ամբողջ շոգենավի բնակչությանը։ Իպոլիտ Մատվեևիչը և մեծ կոմբինատորը, դեռ մութ տախտակի երկու կողմերում կանգնած, վերևից նայում էին հավաքվածներին։
 +
 +
Լողացող հիմնարկությունը սրտին մոտ էր ընդունում շոգենավի վրա տեղի ունեցած յուրաքանչյուր դեպքը։ Մեքենագրուհիները, ցրիչները, պատասխանատու աշխատողները, կոլումբականներն ու շոգենավի անձնակազմը, գլուխները վեր ցցած, խռնվել էին ուղևորների տախտակամածին։
 +
 +
― Տո՛ւր, ― հրամայեց հաստլիկը։
 +
 +
Տրանսպարանտը լուսավորվեց։
 +
 +
Օստապը նայեց ներքև, ամբոխին։ Վարդագույն լույսը ընկել էր դեմքերին։
 +
 +
Հանդիսականները ծիծաղեցին։ Ապա տիրեց լռություն։ Եվ մի խիստ ձայն ներքևում ասաց․
 +
 +
― Ո՞ւր է տնտեսվարը։
 +
 +
Ձայնն այնքան պատասխանատու էր, որ տնտեսվարը, աստիճանները չհաշվելով, նետվեց ներքև։
 +
 +
― Նայեցեք, ― ասաց ձայնը, ― հիացեք ձեր աշխատանքով։
 +
 +
― Հիմա կվռնդեն, ― շշնջաց Օստապը Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
Եվ իրոք, հաստլիկը բազեի պես թռավ վերին տախտակամածը։
 +
 +
― Հը, ո՞նց է տրանսպարանտիկը, ― լկտիաբար հարցրեց Օստապը, ― հասնո՞ւմ է։
 +
 +
― Իրերն հավաքեցե՛ք, ― բղավեց տնտեսվարը։
 +
 +
― Ի՞նչ հարկ կա վռազելու։
 +
 +
― Հա֊վա֊քե֊ցե՛ք իրերը։ Կորե՛ք։ Դատի տակ կգնաք։ Մեր պետը կատակներ չի սիրում։
 +
 +
― Քշե՛ք դրան, ― ներքևից լսվում էր պատասխանատու ձայնը։
 +
 +
― Չէ, լուրջ, ձեզ դուր չի՞ գալիս տրանսպարանտը, իսկապե՞ս վատ տրանսպարանտ է։
 +
 +
Խաղը շարունակել իմաստ չուներ։ «Սկրյաբինը արդեն մոտեցել էր Վասյուկիին, և շոգենավից արդեն կարելի էր տեսնել նավակայանում խռնված վասյուկցիների շշմած դեմքերը։
 +
 +
Կտրականապես մերժեցին փող տալ։ Իրերն հավաքելու համար տրվեց հինգ րոպե։
 +
 +
― Շան թա՛թ, ― ասաց Սիմբիևիչ֊Սինդիևիչը, երբ ենկերակիցներն իջնում էին նավակայան։ ― Ինձ հանձնեին տրանսպարանտի ձևավորումը։ Այնպես շինեի, որ ոչ մի Մեյերխոլդ իմ ետևից չհասներ։
 +
 +
Նավակայանում կոնցեսիոներները կանգ առան և նայեցին վեր։ Մութ երկնքում շողշողում էր տրանսպարանտը։
 +
 +
― Հա֊ա՜, ― ասաց Օստապը, ― բավականին վայրենի տրանսպարանտիկ է։ Ողորմելի կատարում։
 +
 +
Անհնազանդ ջորու պոչով խզմզված նկարը Օստապի տրանսպարանտի հետ համեմատած թանգարանային արժեք կթվար։ Պարտատոմսեր շաղ տվող սերմնացանի փոխարեն, Օստապի վնասակար ձեռքը պատկերել էր կոճղանման մի բան՝ շաքարի գլխով և բարալիկ մատիկներ՝ ձեռքերի փոխարեն։
 +
 +
Կոնցեսիոներների ետևում հուրհրատում և երաժշտությամբ թնդում էր շոգենավը, իսկ առջևում, բարձրադիր ափին, գավառային կեսգիշերվա խավարն էր, շան հաչոց և հեռավոր հարմոն։
 +
 +
― Ամփոփում են դրությունը, ― կենսախնդորեն ասաց Օստապը։ ― Պասսիվը․ ոչ մի գրոշ փող, երեք աթոռ լողում են գետն ի վար, քնելու տեղ չկա և մանկական հանձնաժողովի ոչ մի կրծքանշան։ Ակտիվը․ ուղեցույց (ստիպված էինք փոխարինաբար վերցնել մոսյո Սիմբիևիչի նավասենյակից)։ Շատ դժվար է ամփոփել անդեֆիցիտ բալանսը։ Ստիպված ենք գիշերել նավակայանում։
 +
 +
Կոնցեսիոներները տեղավորվեցին նավակայանի նստարաններին։ Նավթի խղճուկ լապտերի լույսի տակ Օստապը ուղեցույցից կարդաց հետևյալը․
 +
 +
«Աջ բարձրադիր ափին Վասյուկի քաղաքն է։ Այստեղից ուղարկվում են անտառանյութ, խեժ, կեղև, խսիր, իսկ այստեղ բերվում են լայն սպառման ապրանքներ՝ երկաթուղուց հինգ կիլոմետր հեռավորությայն վրա գտնվող երկրամասի համար։ Քաղաքում կա 8000 բնակիչ, ստվարաթղթի պետական ֆաբրիկա՝ 320 բանվորներով, չուգունաձուլական, գարեջրի և կաշվի փոքրիկ գործարաններ։ Ուսումնական հաստատություններից, հանրակրթականից բացի, կա անտառային տեխնիկում»։
 +
 +
Դրությունն ավելի լուրջ է, քան ես ենթադրում էի, ― ասաց Օստապը։ ― Վասյուկցիներից փող կորզելն առայժմ ինձ համար անլուծելի խնդիր է թվում։ Մինչդեռ մեզ երեսուն ռուբլուց ոչ պակաս փող է հարկավոր։ Նախ և առաջ՝ մեզ սնվել է պետք և երկրորդ՝ հասնել խաղարկության տաշտակին և ցամաքում՝ Ցարիցինում հանդիպում ունենալ կոլումբցիների հետ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կուչ եկավ, ինչպես կուչ է գալիս քավթառ լղար կատուն երիտասարդ ախոյանի՝ տանիքների, չարդախների և ձեղնալուսամուտների եռանդուն տեր ու տնօրենի՝ հետ ընդհարվելուց հետո։
 +
 +
Օստապը ման էր գալիս նստարանների երկարությամբ, խորհրդածելով և կոմբինացնելով։ Ժամը մեկի մոտերքը հոյակապ պլանն արդեն  պատրաստ էր։ Բենդերը պառկեց կոմպանյոնի կողքին և քնեց։
 +
 +
 +
==Շախմատի միջմոլորակային կոնգրես==
 +
 +
Առավոտվանից Վասյուկիով քայլում էր բարձրահասակ, լղար մի ծերուկ՝ ոսկե պենսնեով և կարճ, շատ կեղտոտ, ներկոտած սապոգներով։ Նա պատերին փակցնում էր ձեռագիր աֆիշներ։
 +
 +
<center>
 +
1927 թ․ հունիսի 22-ին<br/>
 +
«Կարտոնաժնիկ» ակումբի շենքում կկայանա գրոսմայստեր<br/>
 +
(ավագ վարպետ) Օ․ Բենդերի դասախոսությունը<br/>
 +
«Արդյունավետ դեբյուտային իդեա»<br/>
 +
թեմայով<br/>
 +
և<br/>
 +
Շախմատի միաժամանակյա սեանս<br/>
 +
160 տախտակի վրա<br/>
 +
Բոլորը գալիս են իրենց տախտակներով<br/>
 +
Խաղի վարձը ― 50 կոպ․ Մուտքի վարձը ― 20 կոպ․<br/>
 +
Սկզիբը երեկոյան ժամը վեցին<br/>
 +
Ադմինիստրացիա՝ Կ․ Միխելսոն։<br/>
 +
</center>
 +
 +
Ինքը գրոսմայստերը նույնպես ժամանակ չէր կորցնում։ Երեք ռուբլով ակումբը վարձելով, նա իրեն նետեց շախսեկցիա, որը չգիտես ինչու տեղավորված էր ձիագործարանի վարչության միջանցքում։
 +
 +
Շախսեկցիայում միաչքանի մի մարդ նստել և կարդում էր Պանտելևի հրատարակած Շպիլգագենի վեպը։
 +
 +
― Գրոսմայստեր Օ․ Բենդեր, ― հայտարարեց Օստապը, նստելով սեղանին։ ― Կազմակերպում եմ ձեզ մոտ միաժամանակյա խաղի սեանս։
 +
 +
Վասյուկինյան շախմատիստի միակ աչքը չռվեց մինչև բնության թույլ տված սահմանները։
 +
 +
― Էս րոպեիս, ընկեր գրոսմայստեր, ― բղավեց միաչքանին։ ― Նստեցեք, խնդրեմ։ Ես էս րոպեիս։
 +
 +
Եվ միաչքանին վազեց։ Օստապը զննեց շախմատային սեկցիայի շենքը։ Պատերից կախված էին վարգարշավի ձիերի լուսանկարներ, իսկ սեղանի վրա դրված էր գրասենյակային փոշեպատ մի գիրք՝ «Վասյուկինյան շախսեկցիայի նվաճումները 1925 թվականին» վերնագրով։
 +
 +
Միաչքանին վերադարձավ մի դյուժին տարբեր հասակի քաղաքացիներով։ Նրանք բոլորն էլ հերթով մոտենում էին ծանոթանալու, տալիս էին իրենց ազգանունները և հարգանքով սեղմում գրոսմայստերի ձեռքը։
 +
 +
― Կազան անցնելիս, ― կցկտուր ասում էր Օստապը, ― այո, այո, այսօր երեկոյան սեանս կա, եկեք։ Իսկ հիմա, ներեցեք, քեֆս տեղը չէ, հոգնել եմ Կարլսբադի տուրնիրից հետո։
 +
 +
Վասյուկինի շախմատիստները որդիական սիրով ունկնդրում էին Օստապին։ Օստապը ոգևորվեց։ Նա զգաց նոր ուժերի և շախմատային իդեաների հորդում։
 +
 +
― Դուք չեք հավատա, ― ասում էր նա, ― թե որքան հեռուներն է գնացել շախմատային միտքը։ Դուք գիտեք, որ Լասկերը հասել է գռեհկության, նրա հետ խաղալը անհնարին է դարձել։ Նա իր հակառակորդներին ծխախեղդ է անում սիգարներով։ Եվ դիտմամբ էժանագին սիգարներ է ծխում, որպեսզի ծուխն ավելի զզվելի լինի։ Շախմատային աշխարհը անհանգստության մեջ է։
 +
 +
Գրոսմեյստերն անցավ տեղական թեմաներին։
 +
 +
― Ինչո՞ւ գավառներում ոչ մի մտքի խաղ չկա։ Օրինակ, հենց ձեր շախսեկցիան։ Հենց այդպես էլ կոչվում է՝ շախսեկցիա։ Տխուր է, աղջկերք։ Ինչու, իսկապես, մի գեղեցիկ, զուտ շախմատային անունով չկոչեք նրան։ Դա սեկցիա կներգրավեր միութենական մասսային։ Ձեր սեկցիան, օրինակի համար, անվանեիք՝ «Չորս ձիերի շախմատային ակումբ» կամ «Կարմիր էնդշպիլ», կամ «Որակի կորուստ տեմպ շահելու դեպքում»։ Շա՜տ լավ կլիներ։ Կհնչե՛ր։
 +
 +
Գաղափարը հաջողություն ունեցավ։
 +
 +
― Եվ իսկապես, ― ասացին վասյուկինցիերը, ― ինչո՞ւ մեր սեկցիան չվերանվանենք «Չորս ձիերի ակումբ»։
 +
 +
Քանի որ շախսեկցիայի բյուրոն հենց այդտեղ էր, Օստապն իր պատվավոր նախագահությամբ րոպեական նիստ կազմակերպեց, որտեղ սեկցիան միաձայն վերանվանեցին «Չորս ձիերի շախակումբ»։ Գրոսմայստերը, օգտվելով «Սկրյաբինի» դասերից, սեփական ձեռքով կարտոնի վրա գեղանկարչորեն մի ցուցանակ նկարեց՝ չորս ձիով և համապատասխան մակագրությամբ։
 +
 +
Այդ կարևոր միջոցառումը շախմատային մտքի ծաղկում էր խոստանում Վասյուկիում։
 +
 +
― Շա՜խմատ, ― ասում էր Օստապը։ ― Գիտե՞ք արդյոք, թե ինչ բան է շախմատը։ Նա առաջ է շարժում ոչ միայն կուլտուրան, այլև էկոնոմիկան։ Գիտե՞ք արդյոք, որ ձեր «Չորս ձիերի շախակումբը» գործը ճիշտ կազմակերպելու դեպքում կարող է բոլորովին վերափոխել Վասյուկի քաղաքը։
 +
 +
Օստապը դեռ երեկվանից ոչինչ չէր կերել։ Ուստի և նրա պերճախոսությունն արտասովոր էր։
 +
 +
― Այո՛, ― բղավում էր նա։ ― Շախմատը հարստացնում է երկիրը։ Եթե դուք համաձայնեք իմ նախագծին, ապա քաղաքից նավակայան կիջնեք մարմարյա սանդուղքներով։ Վասյուկին կդառնա տասը նահանգի կենտրոն։ Առաջներում ի՞նչ էիք լսել Զեմմերինգ քաղաքի մասին։ Ոչինչ։ Իսկ հիմա այդ քնձռոտ քաղաքը հարուստ և նշանավոր է միայն նրա համար, որ այնտեղ կազմակերպվել էր միջազգային տուրնիր։ Ուստի և ասում եմ․ Վասյուկիում պետք է կազմակերպել շախմատի միջազգային տուրնիր։
 +
 +
― Ինչպե՞ս, ― բղավեցին ամենքը։
 +
 +
― Միանգամայն ռեալ բան է, ― պատասխանեց գրոսմեյստերը։ ― Իմ անձնական կապեըր և ձեր ինքնագործունեությունը ― ահա այն ամենը՝ ինչ անհրաժեշտ և բավական է Վասյուկինյան միջազգային տուրնիր կազմակերպելու համար։ Պատկերացրեք, թե ի՜նչ գեղեցիկ է հնչելու․ «1927 թվականի միջազգային Վասյուկինյան տուրնիր»։ «Խոզե֊Ռաուլ Կաբաբլանկայի, էմմանուիլ Լասկերի, Ալյոխինի, Նիմցովիչի, Ռետիի,  Ռուբինշտեյնի, Մարոցցիի, Տառաշի, Վիդմարի և դոկտոր Գրիգորևի ժամանումն ապահովված է։ Բացի այդ, ապահովված է նաև իմ մասնակցությունը։
 +
 +
― Բայց փո՛ղ, ― հառաչեցին վասյուկինցիները։ ― Չէ՞ որ դրանց բոլորին փող է պետք վճարել։ Բազում հազարներ։ Որտեղի՞ց ճարենք։
 +
 +
― Ամեն ինչ հաշվի է առել հուժկու մրրիկը, ― ասաց Օ․ Բեդերը․ ― փող կտան հասույթները։
 +
 +
― Ո՞վ է մեզ այդչափ մեծ գումարներ տալու։ Վասյուկինցիները․․․
 +
 +
― Ի՜նչ վասյուկինցիներ։ Վասյուկինցիները փող չեն վճարելու։ Նրանք փող ս֊տա֊նա֊լո՛ւ են։ Ախր այդ ամենը շատ հասարակ բան է։ Չէ՞ որ մեծագույն վելտմեյստրների մասնակցությամբ տեղի ունեցող այդ տուրնիրին կգան ամբողջ աշխարհի շախմատիստները։ Հարյուր հազարավոր մարդիկ, լավ ապահովված հարուստներ, կձգտեն Վասյուկի։ Նախ և առաջ գետային տրանսպորտը չի կարող բարձրացնել այդ քանակությամբ ուղևորների։ Հետևաբար ՃՀԺԿ֊ը կկառուցի երկաթուղային մագիստրալ՝ Մոսկվա ― Վասյուկի։ Էդ մե՛կ։ Երկրորդ՝ հյուրանոցներ և երկնաքերեր հյուրերին տեղավորելու համար։ Երրորդ՝ գյուղատնտեսության բարձրացում հազար կիլոմետր շառավիղով․ հյուրերին պետք է մատակարարել բանջարեղեն, մրգեր, խավյար, շոկոլադե կոնֆետներ։ Պալատ, ուր տեղի է ունենալու տուրնիրը, էս քեզ՝ չորս։ Հինգերորդ՝ գարաժների կառուցում ― հյուրերի ավտոտրանսպորտի համար։ Տուրնիրի սենսացիոն արդյունքները ամբողջ աշխարհին հաղորդելու համար անհրաժեշտ կլինի կառուցել գերհզոր ռադիոկայան։ Էս քեզ՝ վեց։ Այժմ Մոսկվա ― Վասյուկի երկաթուղային մագիստրալի վերաբերյալ։ Անտարակույս, նա թողունակություն չի ունենա բոլոր ցանկացողներին Վասյուկի տեղափոխելու համար։ Այստեղից հետևում է «Մեծ Վասյուկի» օդանավակայանը ― փոստային ինքնաթիռների և դիրիժաբլների կանոնավոր թռիչքներ աշխարհի բոլոր կողմերը, ներառյալ Լոս֊Աջելոս և Մելբուրն։
 +
 +
Շլացուցիչ հեռանկարներ բացվեցին Վասյուկիի սիրողների առջև։ Սենյակի սահմանները ընդարձակվեցին։ Ձիաբուծարանի այդ բնի նեխած պատերը փլվեցին, և դրանց փոխարեն կապտավուն երկինք խոյացավ շախմատային մտքի երեսուն հարկանի ապակյա պալատը։ Նրա յուրաքանչյուր դահլիճում, յուրաքանչյուր սենյակում և նույնիսկ գնդակի պես սլացող լիֆտերում նստած էին մտազբաղ մարդիկ և շախմատ էին խաղում մալախիտե քարերով զարդարված տախտակների վրա․․․
 +
 +
Մարմարյա սանդուղքներն իջնում էին դեպի կապտավուն Վոլգան։ Գետի վրա կանգնել էին օվկիանոսային շոգենավեր։ Ֆունիկուլյորներով  քաղաք էին բարձրանում հաստամռութ օտարերկրացիներ, շախմատային լեգենդներ, հնդկական պաշտպանության ավստրալիացի երկրպագուներ, սպիտակ չալմաներով հնդիկներ, իսպանական խաղի կողմնակիցներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, նորզելանդացիներ, Ամազոն գետավազանի բնակիչներ և վայսյուկինցիներին նախանձող մոսկվացիներ, լենինգրադցիներ, կիևցիներ, սիբիրցիներ և օդեսացիներ։
 +
 +
Ավտոբուսները կոնվեյերով շարժվում էին մարմարյա օթելների արանքով։ Բայց ահա բոլորը կանգ առան։ «Անցնող զինվոր» պերճաշուք հյուրանոցից դուրս եկավ աշխարհի չեմպիոն Խոսե֊Ռաուլ Կապաբլանկա֊ի Գրաուպերը։ Նրան շրջապատեցին դամաները։ Շախմատային հատուկ համազգեստ (վանդակավոր գալիֆե և վրակարերին փղեր) հագած միլիցիոները քաղաքավարի պատիվ տվեց։ Արժանապատվությամբ չեմպիոնին մոտեցավ Վասյուկինի «Չորս ձիերի ակումբի» միաչքանի նախագահը։
 +
 +
Երկու լուսատու աստղերի անգլերեն լեզվով տարվող զրույցը ընդհատվեց դոկտոր Գրիգորևի և աշխարհի ապագա չեմպիոն Ալյոխինի ժամանումով։
 +
 +
Ողջույնների բացականչությունները ցնցեցին քաղաքը։ Խոսե֊Ռաուլ Կապաբլանկայի Գրաուպերը մռայլվեց։ Միաչքանու ձեռքի մի թեթև շարժումով մարմարյա սանդուղքը բերվեց օդանավակայան։ Դոկտոր Գրիգորևը վազեց նրա վրայով՝ թափահարելով նոր շլյապան և ոտքի վրա մեկնաբանելով Կապաբլանկայի հնարավոր սխալը Ալյոխինի հետ ունենալիք առաջիկա մատչում։
 +
 +
Հանկարծ հորիզոնի վրա մի սև կետ նշմարվեց։ Նա արագ մոտենում և մեծանում էր, դառնալով զմրուխտե մի մեծ պարաշյուտ։ Պարաշյուտի օղակից մեծ բողկի պես կախվել էր ճամպրուկավոր մի մարդ։
 +
 +
― Դա նա՛ է, ― բղավեց միաչքանին։ ― Ու֊ռ֊ա՜, ու֊ռա՜֊ ու֊ռ֊ա՜։ Ես ճանաչում եմ մեծ փիլիսոփա֊շախմատիստ դոկտոր Լասկերին։ Ամբողջ աշխարհում նա է միայն հագնում այդպիսի կանաչ գուլպաներ։
 +
 +
Խոզե֊Ռաուլ Կապաբլանկա֊ի ― Գրուպերը նորից խոժոռվեց։
 +
 +
Լասկերին շտապ դեմ արեցին մարմարյա սանդուղքը և առույգ էքս֊չէմպիոնը, ձախ թևի վրայից փչելով փոշին, որ նստել էր Սիլեզիայի վրա թռչելիս, ընկավ միաչքանու գիրկը։ Միաչքանին գրկեց Լասկերի իրանը, մոտեցրեց չեմպիոնին և ասաց․
 +
 +
― Հաշտվեցե՛ք։ Վասյուկինյան լայն մասսաների անունից եմ խնդրում ձեզ։ Հաշտվեցե՛ք։
 +
 +
Խոզե֊Ռաուլը աղմուկով շունչ քաշեց և, հին վետերանի ձեռքը սեղմելով, ասաց․
 +
 +
― Ես միշտ էլ խոնարհվել եմ իսպանական պարտիայում փիղը b5-ից c4-ը տեղափոխելու ձեր իդեայի առջև։
 +
 +
― Ուռա՜, ― բացականչեց միաչքանին։ ― Պարզ է ու համոզիչ, չեմպիոնի ոճով։
 +
 +
Եվ ամբողջ աներևակայելի ամբոխը ձայնակցեց․
 +
 +
― Ուռա՜։ Վիվա՜տ։ Բանզա՜յ։ Պարզ է ու համոզիչ, չեմպիոնի ոճո՛վ։
 +
 +
Ճեպընթացները մոտենում էին վասյուկինյան տասներկու կայարաններին, իջեցնելով շախմատիստների նորանոր բազմություններ։
 +
 +
Երկինքն արդեն բոցավառվել էր հրավառ ռեկլամներից, երբ քաղաքի փողոցներով անցկացրին սպիտակ ձիուն։ Դա միակ ձին էր, որ անվնաս էր մնացել վասյուկինյան տրանսպորտը մեքենայացնելուց հետո։ Հատուկ որոշումով նրան վերանվանել էին նժույգ, թեև ողջ կյանքում մատակ էր համարվել։ Շախմատ հարգողները ողջունում էին նրան, արմավենու ճյուղեր և շախմատի տախտակներ թափահարելով։
 +
 +
― Մի անհանգստանաք, ― ասաց Օստապը, ― իմ նախագիծը ձեր քաղաքին ապահովում է արտադրողական ուժերի աննախընթաց ծաղկում։ Մտածեցեք, թե ինչ է լինելու, երբ տուրնիրը վերջանա, և բոլոր հյուրերը մեկնեն։ Բնակարանային ճգնաժամով Մոսկվայի բնակիչները նետվելու են ձեր հոյաշեն քաղաքը։ Մայրաքաղաքն ավտոմատիկ կերպով տեղափոխվելու է Վասյուկի։ Այստեղ է գալու կառավարությունը։ Վասյուկին վերանվանվելու է Նյու֊Մոսկվա, Մոսկվան՝ Հին Վասյուկի։ Լենինգրադցիներն ու խարկովցիները ատամ են կրճտացնելու, բայց ոչինչ անել չեն կարող։ Նյու֊Մոսկվան դառնալու է Եվրոպայի և մոտ ապագայում ամբողջ աշխարհի պերճաշուք կենտրոնը։
 +
 +
― Ամբողջ աշխարհի՜, ― հառաչեցին վասյուկինցիները։
 +
 +
― Այո։ Իսկ հետագայում և տիեզերքի։ Գավառական քաղաքը երկրագնդի մայրաքաղաքի վերածող շախմատային միտքը վերածվելու է կիրառական գիտության և հնարելու է միջմոլորակային հաղորդակցության միջոցներ։ Վասյուկիից ազդանշաններ են թռչելու դեպի Մարս, Յուպիտեր և Նեպտուն։ Հաղորդակցությունը Վեներայի հետ այնքան հեշտ կլինի, որքան Ռիբինսկից Յարոսլավլ մեկնելը։ Իսկ հետո, ով գիտե, կարող է պատահել մի ութ տարուց հետո Վասյուկինում կայանա տիեզերքի պատմության մեջ առաջին միջմոլորակային շախմատային կոնգրեսը։
 +
 +
Օստապը սրբեց իր ազնիվ ճակատը։ Նա այնպես ուտել էր ուզում, որ սիրով կուտեր տապակած շախմատի ձին։
 +
 +
― Դա֊ա՜, ― իրենից դուրս մղեց միաչքանին, խելացնոր հայացքը հածելով փոշոտ շենքում։ ― Բայց գործնականում ինչպե՞ս կյանքում կիրառենք այդ միջոցառումը, այսպես ասած՝ հիմք գցենք։
 +
 +
Ներկա եղողները լարված նայում էին գրոսմայստերին։
 +
 +
― Կրկնում եմ, որ գործնականում այդ կախված է միայն մեր ինքնագործունեությունից։ Գործի ողջ կազմակերպումը, կրկնում եմ, ես վերցնում եմ ինձ վրա։ Նյութական ոչ մի ծախս, եթե հաշվելու չլինենք հեռագրերի ծախսը։
 +
 +
Միաչքանին հրհրում էր իր զինակիցներին։
 +
 +
― Հը՞, ― հարցնում էր նա, ― ի՞նչ կասեք։
 +
 +
― Կսարքենք, կսարքենք, ― աղմկեցին վասյուկինցիները։
 +
 +
― Որքա՞ն փող է պետք այդ․․․ հեռագրերի համար։
 +
 +
― Ծիծաղելի մի գումար, ― ասաց Օստապը, ― հարյուր ռուբլի։
 +
 +
― Մեր դրամարկղում կա միայն քսանմեկ ռուբլի տասնվեց կոպեկ։ Այդ, իհարկե, մենք հասկանում ենք, շատ քիչ է․․․
 +
 +
Բայց գրոսմայստերը համակերպվող կազմակերպիչ դուրս եկավ։
 +
 +
― Լա՜վ, ― ասաց նա, ― տվեք ձեր քսան ռուբլին։
 +
 +
― Բա կհերիքի՞, ― հարցրեց միաչքանին։
 +
 +
― Առաջին մի երկու հեռագրին կհերիքի։ Իսկ հետո կսկսվեն նվիրատվությունները, և չենք իմանա, թե փողն ինչ անենք։
 +
 +
Փողերը ճամբորդական կանաչ պիջակի մեջ թաքցնելով, գրոսմայստերը հավաքվածներին հիշեցրեց իր դասախոսության և 160 տախտակի վրա միաժամանակյա սեանսի մասին, սիրալիր հրաժեշտ տվեց մինչև երեկո և գնաց «Կարտոնաժնիկ» ակումբը՝ Իպոլիտ Մատվեևիչին տեսության։
 +
 +
― Ես սոված եմ, ― ասաց Վորոբյանինովը ճռճռան ձայնով։
 +
 +
Նա արդեն նստել էր դրամարկղի փոքրիկ պատուհանի մոտ, բայց ոչ մի կոպեկ դեռ չէր հավաքել և չէր կարող նույնիսկ մի ֆունտ հաց գնել։ Առջևում դրված էր լարերից պատրաստած կանաչ մի զամբյուղ՝ փողը հավաքելու համար։ Միջին կարողության տեր ընտանիքներում նման զամբյուղի մեջ դանակներ ու պատառաքաղներ են դնում։
 +
 +
― Լսեցե՛ք, Վորոբյանինով ― բղավեց Օստապը, ― մեկ ու կես ժամով դադարեցրեք դրամարկղային գործարքները։ Գնանք ժողսնունդ ճաշելու։ Ճանապարհին կնգկարագրեմ սիտուացիան։ Ի, դեպ, ձեզ սափրվել և մաքրվել է պետք։ Դուք պարզապես բոսյակի տեսք ունեք։ Գրոսմեյստերը նման կասկածելի ծանոթներ չի կարող ունենալ։
 +
 +
― Ոչ մի տոմս չեմ ծախել, ― տեղեկացրեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Վնաս չունի։ Իրիկունը վրա կտան։ Քաղաքն արդեն ինձ նվիրաբերեց քսան ռուբլի՝ շախմատի միջազգային տուրնիր կազմակերպելու համար։
 +
 +
― Բա էլ ինչների՞ս է պետք միաժամանակյա խաղի սեանսը, ― փսփսաց ադմինիստրատորը։ ― Ախր կարող են ծեծլ։ Իսկ քսան ռուբլով մենք իսկույն ևեթ կարող ենք շոգենավ նստել, ― «Կարլ Լիբկնեխտը» հենց նոր եկավ վերևից, ― հանգիստ գնալ Ցարիցին և այնտեղ սպասել թատրոնի գալուն։ Միգուցե մեզ այնտեղ հաջողվի աթոռները հերձել։ Այդ դեպքում մենք հարուստներ ենք և ամեն ինչ մեզ է պատկանում։
 +
 +
― Սոված փորին չի կարելի այդպես հիմար բաներ ասել։ Դա բացասաբար է ազդում ուղեղի վրա։ Քսան ռուբլով գուցե և Ցարիցին հասնենք․․․ Իսկ ինչո՞վ ենք սնվելու։ Վիտամինները, թանկագին ընկեր պարագլուխ, ոչ ոքի հոր խերի չի տրվում։ Մինչդեռ էքսպանսիվ վասյուկինցիներից դասախոսության և սեանսի համար հնարավոր կլինի պոկել երեսուն ռուբլի։
 +
 +
― Կծեծե՛ն, ― դառնորեն ասաց Վորոբյանինովը։
 +
 +
― Իհարկե, ռիսկ կա։ Կարող են և կող ու կուշտներս ջարդել։ Ի դեպ, գլխումս մի միտք կա, որ համենայն դեպս ձեզ կապահովի վտանգից։ Բայց այդ մասին հետո։ Առայժմ գնանք ճաշակելու տեղական ճաշերը։
 +
 +
Երեկոյան ժամը վեցի մոտերքը կուշտ, սափրված և օդեկոլոնի բուրմունք արձակող գրոսմեյստերը մտավ «Կարտոնաժնիկ» ակումբի դրամարկղը։
 +
 +
Կուշտ և սափրված Վորոբյանինովը աշխույժ տոմս էր վաճառում։
 +
 +
― Հը, ո՞նց է, ― կամացուկ հարցրեց գրոսմեյստերը։
 +
 +
― Մուտքի՝ երեսուն և խաղի՝ քսան, ― պատասխանեց ադմինիստրատորը։
 +
 +
― Տասնվեց ռուբլի։ Վատ է, վատ։
 +
 +
― Ի՞նչ եք ասում, Բենդեր, տեսեք, թե ինչ հերթ է կանգնած։ Անխուսափելիորեն կծեծեն։
 +
 +
― Այդ մասին մի մտածեք։ Երբ ծեծելու կլինեն, լաց կլինեք, իսկ առայժմ մի հապաղեք։ Սովորեցեք առևտուր անել։
 +
 +
Մի ժամ անց դրամարկղում երեսուն ռուբլի կար։ Հասարակությունը դահլիճում հուզվում էր։
 +
 +
― Փակեցեք պատուհանը։ Դեսը տվեք փողը, ― ասաց Օստապը։ ― Այժմ ահա թե ինչ։ Վերցրեք հինգ ռուբլի, գնացեք նավահանգիստ, մի նավակ վարձեք երկու ժամով և գետափին, ամբարից մի քիչ ներքև սպասեցեք ինձ։ Մենք երեկոյան զբասանք կկատարենք։ Իմ մասին մի անհանգստացեք։ Ես այսօր ֆորմայի մեջ եմ։
 +
 +
Գրոսմեյստերը մտավ դահլիճ։ Նա իրեն առույգ էր զգում և հաստատ գիտեր, որ առաջին e2-e4 քայլը ոչ մի բարդություն չի սպասռնում։ Մնացած քայլերը, ճիշտ է, արդեն պատկերվում էին կատարյալ մշուշի մեջ, բայց դա բնավ չէր շփոթեցնում մեծ կոմբինատորին։ Նա պատրաստ ուներ միանգամայն անսպասելի մի ելք՝ նույնիսկ ամենահուսալի խաղը փրկելու համար։
 +
 +
Գրոմեսյտերին դիմավորեցին ծափահարություններով։ Ակումբի փոքր դահլիճը զարդարված էր գույնզգույն դրոշակներով։
 +
 +
Մի շաբաթ առաջ տեղի էր ունեցել «Ջրախեղդների փրկության ընկերության» երեկոն, որի մասին վկայում էր նաև պատին փակցրած լոզունգը․
 +
 +
<b>Խեղդվողներին օգնելու գործը ― հենց խեղդվողների գործն է</b>
 +
 +
Օստապը գլուխ տվեց, ձեռքերը պարզեց առաջ, ասես չընդունելով ոչ տեղին ծափահարությունները, և բարձրացավ բեմ։
 +
 +
― Ընկերնե՛ր, ― ասաց նա հիանալի ձայնով։ ― Շախմատի իմ ընկերնե՛ր ու եղբայրնե՛ր, իմ այսօրվա դասախոսության առարկան լինելու է այն, ինչի մասին մի շաբաթ առաջ ես կարդացել եմ և, պետք է խոստովանեմ, ոչ առանց հաջողության Նիժնի֊Նովգորոդում։ Իմ դասախոսության առարկան է՝ արդյունավետ դեբյուտային իդեան։ Ի՞նչ բան է, ընկերներ իդեան։ Իդեան, ընկերներ, ― դա մարդկային միտքն է՝ ամփոփված տրամաբանական շախմատային ձևի մեջ։ Չնչին ուժերով անգամ կարելի է տիրապետել ամբողջ տախտակը։ Ամեն ինչ կախված է յուրաքանչյուր անհատից առանձին֊առանձին վերցրած։ Օրինակ, հրեն երրորդ կարգում նստած այն շիկահերը։ Ենթադրենք, թե նա լավ է խաղում․․․
 +
 +
Երրորդ կարգի շիկահերը կարմրեց։
 +
 +
― Իսկ ահա այն թխահերը, ենթադրենք, թե վատ։
 +
 +
― Բոլորը շուռ եկան և զննեցին թխահերին։
 +
 +
― Ի՞նչ ենք տեսնում, ընկերներ։ Մենք տեսնում ենք, որ շիկահերը լավ է խաղում, իսկ թխահերը՝ վատ։ Եվ ոչ մի դասախոսություն ի վիճակի չէ փոխելու ուժերի այդ հարաբերությունը, եթե յուրաքանչյուր անհատ առանձին վերցրած մշտապես վարժություններ չկատարի շաշկիի․․․ այսինքն ուզում էի ասել շախմատի բնագավառում․․․ Իսկ հիմա, ընկերներ, ես մի քանի ուսանելի պատմություններ կանեմ մեր հարգարժան հիպերմոդեռնիստներ Կապաբլանկայի, Լասկերի, դոկտոր Գրիգորևի պրակտիկայից։
 +
 +
Օստապը աուդիտորիային պատմեց մի քանի հինավուրց անեկդոտներ, որ քաղել էր դեռևս մանկության օրերին «Կապույտ ժուռնալից», և դրանով վերջացրեց ինտերմեդիան։
 +
 +
Բոլորը փոքր֊ինչ զարմացած էին դասախոսության կարճատևությունից։ Եվ միաչքանին իր միակ աչքը չէր հեռացնում գրոսմայստերի կոշիկներից։
 +
 +
Սակայն միաժամանակյա խաղի սկսված սեանսը կասեցրեց միաչքանի շախմատիստի աճող տարակուսանքը։ Բոլորի հետ միասին նա սեղանները դասավորում էր «П» տառի ձևով։ Գրոսմայստերի դեմ խաղալու նստեցին ընդամենը երեսուն շախմատիստ։ Նրանցից շատերը բոլորովին շփոթված էին և ամեն րոպե նայում էին շախմատային դասագրքերին, հիշողության մեջ թարմացնելով այն բարդ վարիանտները, որոնց օգնությամբ հույս ունեին անձնատուր լինել գրոսմեյստերին գոնե քսաներկուերորդ քայլից հետո։
 +
 +
Օստապը հայացքը սահեցրեց «սևերի» տողանով, որոնք չորս կողմից շրջապատել էին նրան մինչև փակ դուռը և անվախ անցավ գործի։ Նա մոտեցավ առաջին տախտակի առջև նստած միաչքանուն և արքայական զիվորը е2 վանդակից տեղափոխեվեց e4 վանդակը։
 +
 +
Միաչքանին անմիջապես գլուխն առավ ձեռքերի մեջ և սկսեց լարված մտածել։ Սիրողների շարքերով շշուկ անցավ։
 +
 +
― Գրոսմեյստերը խաղաց e2-e4:
 +
 +
Օստապն իր հակառակորդներին երես չտվեց դեբյուտների բազմազանությամբ։ Մնացած քսանինը տախտակների վրա նա միևնույն օպերացիան կատարեց․ արքայական զինվորը «2֊ից քարշ տվեց e4 վանդակը։ Սիրողները մեկը մյուսի ետևից բռնում էին մազերից և խորասուզվում տենդագին դատողությունների մեջ։ Չխաղացողները ակնդետ հետևում էին գրոսմեյստերին։ Քաղաքի միակ ֆոտոսիրողն արդեն մի կերպ բարձրացել էր աթոռի վրա և պատրաստվում էր վառել մագնիումը, բայց Օստապը զայրացած ձեռքը թափահարեց և, ընդհատելով տախտակների երկարությամբ իր ընթացքը, բարձրաձայն բղավեց․
 +
 +
― Հեռացրե՛ք լուսանկարչին։ Նա խանգարում է իմ շախմատային մտածողությանը։
 +
 +
«Ինչ հարկ կա իմ լուսանկարը թողնելու այս քնձռոտ քաղաքում։ Ես չեմ սիրում գործ ունենալ միլիցիայի հետ», ― որոշեց նա մտքում։
 +
 +
Սիրողների զայրագին ֆշշոցն ստիպեց լուսանկարչին հրաժարվել իր փորձից։ Այնքան մեծ էր վրդովմունքը, որ լուսանկարչին նույնիսկ վռնդեցին շենքից։
 +
 +
Երրորդ քայլին պարզվեց, որ գրոսմեյստերը տասնութ տախտակների վրա խաղում է իսպանական պարտիա։ Մնացած տասներկուսում սևերը կիրառում են Ֆիլիդորի թեև հնացած, բայց բավականին հաստատ պաշտպանությունը։ Եթե Օստապն իմանար, որ ինքն այդքան խելացի պարտիաներ է խաղում և ընդհարվում է այդպես փորձված պաշտպանության հետ, անասելի կզարմանար։ Բանն այն է, որ մեծ կոմբինատորը կյանքում երկրորդ անգամն էր շախմատ խաղում։
 +
 +
Սկզբում սիրողները, և նրանց մեջ առաջինը՝ միաչքանին, սարսափեցին։ Գրոսմեյստերի նենգությունը կասկածից դուրս էր։
 +
 +
Գրոսմեյստերը անասելի հեշտությամբ և հոգու խորքում չարախնդալով Վասյուկի քաղաքի շախմատիստների վրա, աջ ու ձախ զոհաբերում էր զինվորներ, ծանր ու թեթև ֆիգուրներ։ Դասախոսության ժամանակ պախարակած թխահերին նա զոհեց նույնիսկ թագուհուն։ Թխահերը սարսափեց և կամենում էր անմիջապես անձնատուր լինել, բայց միայն կամքի ահավոր լարումով ստիպեց իրեն խաղը շարունակել։
 +
 +
Պարզկա երկնքում ամպրոպ ճայթեց հինգ րոպե անց։
 +
 +
― Մատ՝, ― թոթվեց մահացու ահուդողով բռնված թխահերը։ ― Ձեզ մա՛տ, ընկեր գրոսմեյստեր։
 +
 +
Օստապը վերլուծեց դրությունը, խայտառակ կերպով «ֆերզին» «թագուհի» անվանեց և վերամբարձ ոճով շնորհավորեց թխահերի հաղթանակը։ Սիրողների շարքերով խուլ գվվոց անվավ։
 +
 +
«Ճղելու ժամանակն է », ― մտածեց Օստապը հանգիստ անց ու դարձ անելով սեղանների արանքով և անփութորեն ֆիգուրաները տեղաշարժելով։
 +
 +
― Դուք ձին սխալ դրեցիք, ընկեր գրոսմեյստեր ― քծնեց միաչքանին։ ― Ձին այդպես չի գնում։
 +
 +
― Պարդոն, պարդոն, ներեցեք, ― պատասխանեց գրոսմեյստերը, ― դասախոսությունից հետո ես փոքր֊ինչ հոգնել եմ։
 +
 +
Մոտակա տասը րոպեի ընթացքում գրոսմեյստերը տանուլ տվեց ևս տասը խաղ։
 +
 +
Զարմացական բացականչություններ էին լսվում «Կարտոնաժնիկ» ակումբի շենքում։ Կոնֆլիկտը հասունանում էր։ Օստապն իրար ետևից տանուլ տվեց տասնհինգ խաղ, շուտով ևս երեքը։ Մնացել էր միայն միաչքանին։ Խաղի սկզբում նա վախից բազում սխալներ թույլ տվեց և հիմա դժվարությամբ խաղը տանում էր դեպի հաղթական վախճան։ Օստապը շրջապատողների համար աննկատելի տախտակի վրայից գողացավ սև նավակը և թաքցրեց գրպանում։
 +
 +
Բազմությունը խռնվեց խաղացողների շուրջը։
 +
 +
― Հենց նոր այստեղ կանգնած էր իմ նավակը, ― բղավեց միաչքանին, շուրջը նայելով, ― իսկ հիմա չկա։
 +
 +
― Չկա ուրեմն և չի եղել, ― կոպիտ պատասխանեց Օստապը։
 +
 +
― Ինչպե՞ս թե չի եղել։ Ես պարզ հիշում եմ։
 +
 +
― Իհարկե, չի եղել։
 +
 +
― Բա ի՞նչ եղավ։ Դուք տարե՞լ եք այն։
 +
 +
― Տարել եմ։
 +
 +
― Ե՞րբ։ Ո՞ր քայլի ժամանակ։
 +
 +
― Ի՞նչ եք գլուխս տանում ձեր այդ նավակով։ Եթե հանձնվում եք, հենց այդպես էլ ասացեք։
 +
 +
― Թույլ տվեք, ընկերներ, իմ բոլոր քայլերը գրի են առնված։
 +
 +
― Գրողը գրում է, ― ասաց Օստապը։
 +
 +
― Սա զայրացուցի՛չ է, ― բղավեց միաչքանին։ ― Տվե՛ք իմ նավակը։
 +
 +
― Հանձնվեք, հանձնվեք, մուկ ու կատու հո չենք խաղում։
 +
 +
― Տվե՛ք նավակը։
 +
 +
Այս խոսքերից հետո գրոսմեյստերը, գլխի ընկնելով, որ հապաղումը մահու է հավասար, մի բուռ ֆիգուրա վերցրեց և շպրտեց միաչքանի հակառոկորդի գլխին։
 +
 +
― Ընկերնե՛ր, ― ծղրտաց միաչքանին։ ― Նայեցեք բոլորդ։ Սիրողին ծեծում են։
 +
 +
Վասյուկի քաղաքի շախմատիստները շշմեցին։
 +
 +
Չկորցնելով թանկ ժամանակը, Օստապը շախմատի տախտակը շպրտեց լամպի վրա և վերահաս մթության մեջ, խփելով ոմանց ծնոտներին ու ճակատներին, դուրս վազեց փողոց։ Վասյուկինցի շախմատիստները հարայհրոցով ընկան նրա ետևից։
 +
 +
Լուսնկա իրիկուն էր։ Օստապը արծաթյա փողոցով սլանում էր թեթև, ինչպես մեղապարտ երկրից համբառնող հրեշտակ։ Վասյուկին տիեզերքի կենտրոն չվերածվելու հետևանքով ստիպված էր վազել ոչ թե պալատների, այլ դրսից փակոցափեղկեր ունեցող գերանաշեն տների միջով։
 +
 +
Ետևից սլանում էին շախմատիստները։
 +
 +
― Ժուլիկնե՜ր, ― դամ էին պահում մյուսները։
 +
 +
― Պիժոննե՛ր, ― գռմռում էր գրոսմեյստերը, արագությունն ավելացնելով։
 +
 +
― Հավա՜ր, ― բղավում էին խիստ նեղացած շախմատիստները։
 +
 +
Օստապը սկսեց ցատկոտել նավահանգիստ տանող սանդուղքով։ Նա իջնելու էր չորս հարյուր աստիճան։ Վեցերորդ հարթակի վրա նրան արդեն սպառնում էին երկու սիրողներ, որոնք այստեղ էին հասել լանջիվեր ձգված զարտուղի կածանով։ Օստապը ետ նայեց։ Վերևից շան ոհմակի նման թավալգլոր իջնում էր Ֆիլիդորի պաշտպանության կատաղի երկրպագուների մի խումբ։ Նահանջի տեղ չկար։ Ուստի և Օստապը վազեց առաջ։
 +
 +
― Այ ես հիմա ձեր հե՜րը կանիծեմ, ― բղավեց նա քաջ հետախույզների վրա նետվելով հինգերորդ հարթակից։
 +
 +
Ահաբեկված պլաստունները ախ քաշեցին, անցան ճաղաշարի վրայով և գլովեցին թմբերի ու ծերպերի մթության մեջ։ Ճանապարհն ազատ էր։
 +
 +
― Բռնեցեք գրոսմեյստերին, ― գլորվում էր վերևից։
 +
 +
Հետապնդողները վազում էին, թխկթխկացնելով փայտյա սանդուղքի վրա, ինչպես վայր ընկնող կեգլիի գնդակները։
 +
 +
Ափ դուրս գալով, Օստապը թեքվեց աջ, աչքերով փնտրելով նավակն ու իր հավատարիմ ադմինիստրատորին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը իդիլիկորեն նստել էր նավակի մեջ։ Օստապն իրեն նետեց նստարանի վրա և սկսեց կատաղորեն թիավարել ափից։ Մի րոպե անց նավակի վրա քարեր թռան։ Դրանցից մեկը կպավ Իպոլիտ Մատվեևիչին։ Հրաբխային պզուկից մի քիչ վերև մի սև ուռուցք բուսեց նրա դեմքին։ Իպոլիտ Մատվեևիչը գլուխը թաքցրեց ուսերի մեջ և սկսեց նվնվալ։
 +
 +
― Ա՛յ քեզ փալաս։ Քիչ մնաց իմ գլուխը պոկեին, էլի ոչինչ, առույգ եմ ու կայտառ։ Իսկ եթե նկատի առնելու լինենք հիսուն ռուբլի զուտ եկամուտը, ապա ձեր գլխի մի ուռուցքի դիմաց բավականին կարգին հոնորար է դա։
 +
 +
Այդ միջոցին հետապնդողները, որոնք հենց հիմա էին հասկացել, որ տապալվել է Վասյուկին Նյու֊Մոսկվա դարձնելու պլանը և որ գրոսմեյստերը քաղաքից տանում է վասյուկինցիների դառը դատած հիսուն ռուբլին, նստեցին մի մեծ նավակ և գոռում֊գոչումով թիավարեցին գետի մեջտեղը։ Նավի մեջ խցկվել էին երեսուն հոգի։ Ամեն մեկն ուզում էր անձնապես մասնակցել գրոսմեյստերի դատաստանին։ Արշավախմբի հրամանատարն էր միաչքանին։ Նրա միակ աչքը փարոսի պես փայլատակում էր գիշերվա մեջ։
 +
 +
― Բռնի՛ր գրոսմեյստերին, ― ճչում էին չափից ավելի բեռնված նավակում։
 +
 +
― Հո՛ւպ տուր, Կիսա, ― ասաց Օստապը։ Եթե նրանք  մեզ հասնեն, չեմ կարող երաշխավորել ձեր պենսնեի անվթարության համար։
 +
 +
Երկու նավակն էլ իջնում էին հոսանքն ի վար։ Նրանց միջև եղած տարածությունը գնալով կրճատվում էր։ Օստապը ուժասպառ էր լինում։
 +
 +
― Չե՛ք փախչի, ― սրիկաներ, ― բղավում էին բեռնանավից։
 +
 +
Օստապը չէր պատասխանում․ ժամանակ չուներ։ Թիերը դուրս էին պրծնում ջրից։ Ջրի շիթերը ցայտում էին կատաղած թիերից և թափվում նավակի մեջ։
 +
 +
― Հո՛ւպ տուր, ― շշնջում էր Օստապն ինքն իրեն։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ուժասպառ էր եղել։ Բեռնանավը ցնծության մեջ էր։ Նրա բարձր իրանը ձախից արդեն շրջանցում էր կոնցեսիոներների նավակը, որպեսզի գրոսմայստերին սեղմեր ափին։ Ողբալի վիճակ էր սպսում կոցեսիոներներին։ Բեռնանավում այնքան մեծ էր ուրախությունը, որ բոլոր շախմատիստներն անցան աջ նավակողը, որպեսզի, նավակին հավասարվելով, գերազանց ուժերով հարձակվեն չարագործ գրոսմեյստերի վրա։
 +
 +
― Պահպանեցեք պեսնեն, Կի՛սա, ― հուսահատ բղավեց Օստապը, թիերը նետելով։ ― Հիմա կսկսվի։
 +
 +
― Պարոնա՛յք, ― բացականչեց հանկարծ Իպոլիտ Մատվեևիչն աքլորի ձայնով։ ― Մի՞թե դուք մեզ պիտի ծեծեք։
 +
 +
― Էն էլ ո՜նց, ― որոտացին վասյուկինցի շախմատիստները, պատրաստվելով ցատկել նավակի մեջ։
 +
 +
Բայց այդ պահին տեղի ունեցավ ամբողջ աշխարհի ազնիվ շախմատիստների համար խիստ վիրավորական մի դեպք։ Բեռնանավը անսպասելի կերպով թեքվեց և աջ նավակողով ջուր վերցրեց։
 +
 +
― Զգո՜ւյշ, ― ծղրտաց միաչքանի նավապետը։
 +
 +
Բայց արդեն ուշ էր։ Չափից շատ սիրողներ էին կուտակվել վասյուկինյան դրեդնոուտի աջ նավակողի վրա։ Ծանրության կենտրոնը փոխելով, բեռնանավը առանց տատանվելու և ֆիզիկայի օրենքներին միանգամայն համապատասխան շուռ եկավ։
 +
 +
Ընդհանուր վայնասունը խռովեց գետի անդորությունը։
 +
 +
― Վա՜յ, ― ծորուն հեծեծում էին շախմատիստները։
 +
 +
Բոլոր երեսուն սիրողներն էլ հայտնվեցին ջրում։ Նրանք արագ ջրի երեսն էին դուրս գալիս և մեկը մյուսի հետևից կառչում շուռ եկած բեռնանավից։ Վերջինը նավին մոտեցավ միաչքանին։
 +
 +
― Պիժոննե՛ր, ― հրճվանքով բղավում էր Օստապը։ ― Բա ինչո՞ւ չեք ծեծում ձեր գրոսմեյստերին։ Դուք, եթե չեմ սխալվում, ինձ ծեծել էիք ուզում։
 +
 +
Օստապը մի շրջան գործեց նավաբեկյալների շուրջը։
 +
 +
― Դուք հո հասկանում եք, վասյուկինցի  անհատներ, որ ես ձեզ մեկ֊մեկ խեղդել կարող էի, բայց ես ձեզ կյանք եմ պարգևում։ Ապրեցե՛ք, քաղաքացիներ։ Միայն թե, ի սեր աստծո, շախմատ մի՛ խաղացեք։ Դուք ախր պարզապես խաղալ չգիտեք։ Է՜խ, դո՛ւք, պիժոննե՜ր․․․ Գնանք, Իպոլիտ Մատվեևիչ, շարժվենք առաջ։ Մնա՛ք բարով, միաչքանի սիրողներ։ Վախենամ, որ Վասյուկին տիեզերքի կենտրոն չդառնա։ Չեմ կարծում, թե շախմատի վարպետները գան ձեզ նման հիմարների մոտ, եթե նույնիսկ ես խնդրելու լինեմ նրանց։ Մնա՛ք բարով, շախմատային ուժեղ ապրումների սիրահարներ։ Կեցցե՛ «Չորս ձիերի ակումբը»։
 +
 +
 +
==Եվ այլք==
 +
 +
 +
Առավոտը կոնցեսիոներներին գտավ Չեբոքսարիի առջև։ Օստապը ննջել էր ղեկի մոտ։ Իպոլիտ Մատվեևիչը քնաթաթախ թիավարում էր։ Գիշերվա ցրտից երկուսն էլ սարսռում էին։ Արևելքում բացվում էին վարդի կոկոնները։ Իպոլիտ Մատվեևիչի պենսնեն գնալով պայծառանում էր։ Նրա ձվաձև ապակիները շողշողալ սկսեցին։ Նրանցում փոխնեփոխ անդրադառնում էին երկու ափերը։ Ձախ ափի սեմաֆորը ճկվեց երկգոգավոր ապակու մեջ։ Չեբոքսարիի կապույտ գմբեթները լողում էին նավերի նման։ Արևելքի այգին գնալով աճում էր։ Կոկոնները վերածվեցին հրաբուխների և սկսեցին հրուշակային ամենալավ գույների լավաներ ժայթքել։ Թռչունները ձախ ափին մեծ ու աղմկալից սկանդալ սարքեցին։ Պենսնեի ոսկյա աղեղիկը բռնկվեց և կուրացրեց գրոսմեյստերին։ Արևը ծագեց։
 +
 +
Օստապը բացեց աչքերը և ձգվեց, նավակը թեքելով և ոսկորները կոտրատելով։
 +
 +
― Բարի լո՛ւյս, Կիսա, ― ասաց նա հորանջից խեղդվելով։ ― Ես քեզ մոտ եկա ողջույնով, պատմելու, թե արևը ծագել է, որ նա իր տաք լույսով թրթռում է ինչ֊որ բանի վրա․․․
 +
 +
― Նավակայան, ― զեկուցեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Օստապը դուրս քաշեց ուղեցույցը և տեղեկություն քաղեց։
 +
 +
― Դատելով ըստ ամենայնի՝ Չեբոքսարին է։ Այդպես, այդպես․․․
 +
 +
Ուշադրություն ենք դարձնում շատ գեղեցիկ դիրք ունեցող Չեբոքսարիի վրա․․․
 +
 +
― Կի՛սա, նա իսկապե՞ս գեղեցիկ դիրք ունի․․․
 +
 +
Ներկայումս, Չեբոքսարիում 7702 բնակիչ կա։
 +
 +
― Կի՛սա, եկեք թողնենք ադամանդների ետևից ընկնելը և Չեբոքսարիի բնակչության թիվը ավելացնենք մինչև յոթ հազար յոթ հարյուր չորս մարդ։ Հը՞։ Դա շատ էֆեկտավոր բան կլինի․․․ Բաց կանենք «Պտի֊շվո» և այդ «Պտի֊շվոյից» հաստատ մի կտոր հաց կունենանք․․ Դե, լսիր․
 +
 +
1555 թվականին հիմնված քաղաքը պահպանել է մի քանի խիստ հետաքրքիր եկեղեցիներ։ Չուվաշական հանրապետության վարչական հիմնարկներից բացի, այստեղ կան բանվորական ֆակուլտետ, կուս․ դպրոց, թանգարան, գիտական ընկերություն և գրադարան։ Չեբոքսարիի նավակայանում և շուկայում կարելի է տեսնել չուվաշների և չերեմիշների, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով․․․
 +
 +
Բայց նախքան բարեկամները կմոտենային նավակայանին, ուր կարելի էր տեսնել չուվաշների և չերեմիշների, նրանց ուշադրությունը գրավեց մի առարկա, որ լողում էր հոսանքով նավակի առջևում։
 +
 +
― Աթո՛ռ, ― բղավեց Օստապը։ ― Ադմինիստրատո՛ր։ Մեր աթոռը լողում է։
 +
 +
Կոմպանյոնները մոտեցան աթոռին։ Այն պտտվում էր, օրորվում, սուզվում էր ջրի տակ, նորից ելնում ջրի երեսը, հեռանալով կոնցեսիոներների նավակից։ Ջուրն ազատորեն լցվում էր նրա պատռված փորի մեջ։
 +
 +
Դա «Սկրյաբինի» վրա հերձած և հիմա դանդաղորեն դեպի կասպից ծով ընթացող աթոռն էր։
 +
 +
― Բարև բարեկամ, ― բղավեց Օստապը։ Վաղուց չենք տեսնվել։ Գիտե՛ք, Վորոբյանինով, այս աթոռը մեզ հիշեցնում է մեր կյանքը։ Մենք էլ լողում ենք հոսանքով։ Մեզ ջրախեղդ են անում, մենք ելնում ենք ջրի երեսը, թեև, թվում է, դրանով ոչ ոքի չենք ուրախացնում։ Մեզ ոչ ոք չի սիրում, եթե չհաշվենք Քրեական հետախուզությանը, որը նույնպես մեզ չի սիրում։ Ոչ ոք մեզ հետ գործ չունի։ Եթե երեկ շախմատասերներին հաջողվեր մեզ խեղդել, մեզանից կմնար միայն դիազննման արձանագրություն․ «Երկու դիակներն էլ պառկած էին ոտքերը հարավ֊արևելք, իսկ գլուխները հյուսիս֊արևմուտք դարձրած»։ Դիակի վրա պատառոտված վերքեր կան, ըստ երևույթին ինչ֊որ բութ գործիքով հասցված»։ Շախմատասերները հավանորեն մեզ կխփեին շախմատի տախտակներով։ Ինչ խոսք, որ բավականին բութ գործիք է․․․ «Առաջին դիակը պատկանում է հիսունհինգ տարեկան մի տղամարդու, հագին ունի պատառոտված լյուստրինե պիջակ, հին շալվար և հին սապոգներ։ Պիջակի գրպանում վկայական՝ քաղ․ Կոնրադ Կարլովիչ Միխելսոնի անունով․․․»։ Ահա թե, Կիսա, ինչ կգրեին ձեր մասին։
 +
 +
― Իսկ ձեր մասին ի՞նչ կգրեին, ― բարկացած հարցրեց Վորոբյանինովը։
 +
 +
― Օ՜, իմ մասին բոլորովին այլ բան կգրեին։ Իմ մասին այսպես կգրեին․ «Երկրորդ դիակը պատկանում է քսանյոթ տարեկան տղամարդու։ Նա սիրում և տառապում էր։ Նա փող էր սիրում և տառապում նրա պակասությունից։ Նրա բարձր ճակատով, կապտասև գանգուրներով եզրապատած գլուխը ուղղված է դեպի արևը։ Նրա քառասուներկու համարի կոշիկ կրող նրբագեղ ոտքերը ուղղված են հյուսիսափայլի կողմը։ Մարմինը զգեստավորված է սպիտակ անբիծ հագուստով, կրծքին սադափանախշ ոսկյա տավիղ և «Մնա՜ս բարով «Նոր գյուղ» ռոմանսի նոտաները։ Հանգուցյալ պատանին զբաղվում էր փայտի վրա շիկացած երկաթով փորագրելով, որն երևում է ֆրակի գրպանում հայտնաբերված տնայնագործական «Պեգաս և Պառնաս» արտելի 24 թվականի 23/8֊ին տված N 86/1562 վկայականից»։ Եվ ինձ, Կի՛սա, կթաղեն շքեղ, նվագախմբով, ճառերով և իմ հուշարձանի վրա փորագրված կինի՝ «Աստ հանգչի հայտնի ջերմատեխնիկ և կործանիչ Օստապ֊Սուլեյման֊Բերտա֊Մարիա Բենդեր֊բեյը, որի հայրը թուրքահպատակ էր և մեռավ ոչ մի ժառանգություն չթողնելով իր որդի Օստապ֊Սուլեյմանին։ Հանգուցյալի մայրը կոմսուհի էր և ապրում էր անաշխատ եկամուտներով»։
 +
 +
Այս կերպ զրուցելով, կոնցեսիոներները դեմ առան Չեբոքսարիի ափին։
 +
 +
Երեկոյան վասյուկինցիների նավակի վաճառքից եղած կապիտալը հինգ ռուբլով ավելացնելուց հետո, բարեկամները նստեցին «Ուրիցկի» ջերմանավը և գնացին Ցարիցին, հույս ունենալով ճանապարհին հասնել խաղարկության դանդաղաշարժ շոգենավին և Ցարիցինում հանդիպել կուլումբցիների խմբին։
 +
 +
«Սկրյաբինը» Ցարիցին ժամանեց հուլիսի սկզբին։ Բարեկամները դիմավորեցին նրան նավահանգստի արկղների ետևում թաքնված։ Բեռնաթափումից առաջ շոգենավի վրա տեղի ունեցավ խաղարկություն։ Մեծ շահումներ խաղարկվեցին։
 +
 +
Մոտ չորս ժամ ստիպված եղան սպասել աթոռներին։ Նախ շոգենավից վայր իջան կոլումբցիները և խաղարկության ծառայողները։ Նրանց միջև աչքի էր ընկնում Պերսիցկու շողացող դեմքը։
 +
 +
Կոնցեսիոներները, դարան մտած, լսում էին նրա բղավոցները․
 +
 +
― Այո՛։ Վայրկենապես մեկնում եմ Մոսկվա։ Հեռագիր արդեն ուղարկել եմ։ Եվ գիտե՞ք ինչպիսի։ «Ցնծում եմ ձեզ հետ»։ Թող գլխի ընկնեն։
 +
 +
Ապա Պերսիցկին նստեց վարձու ավտոմոբիլ, նախապես չորս կողմից զննելով ու ռադիատորը շոշափելով, և մեկնեց, չգիտես ինչու «ուռա» բացականչությունների տակ։
 +
 +
Շոգենավից հիդրավլիկ մամուլը իջեցնելուց հետո, սկսեցին դուրս բերել Կոլումբի իրեղեն ձևավորումը։ Աթոռները դուրս բերեցին, երբ արդեն մութն էր։ Կոլումբցիները բեռնվեցին զույգ ձիեր լծած ֆուրգոնների մեջ և ուրախ բացականչություններով քշեցին ուղիղ դեպի կայարան։
 +
 +
― Կարծես, Ցարիցինում սրանք չեն խաղալու, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Դա տարակուսանքի մեջ գցեց Օստապին։
 +
 +
― Ստիպված ենք գնալ, ― որոշեց նա, ― բայց ի՞նչ փողերով։ ― Ասենք, գնանք կայարան, այնտեղ կերևա։
 +
 +
Կայարանում պարզվեց, որ թատրոնը մեկնում է Պյատիգորսկ՝ Տիխորեցկի ― Հանքային ջրերի վրայով։ Կոնցեսիոներները միայն մի տոմսի փող ունեին։
 +
 +
― Դուք կարո՞ղ եք ձրի գնալ՝ նապաստակի պես, ― հարցրեց Օստապը Վորոբյանինովին։
 +
 +
― Կփորձեմ, ― վախվխելով ասաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Գրո՛ղը տանի։ Լավ է չփորձենք։ Այս անգամ էլ ներում եմ ձեզ։ Թող այդպես լինի, նապաստակի պես ես կգնամ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի համար գնվեց անպլացկարտ, կոշտ վագոնի տոմս, որով և նախկին պարագլուխը ժամանեց Հյուսիսային Կովկասի երկաթուղու, կանաչավուն տակառների մեջ աճող դափնեվարդերով զարդարված «Հանրային ջրեր» կայարանը և, աշխատելով չերևալ գնացքից իջնող կոլումբցիների աչքին, սկսեց Օստապին փնտրել։
 +
 +
Թատրոնը վաղուց արդեն մեկնել էր Պայտիգորսկ, տեղավորվելով ամառանոցային նոր վագոնների մեջ, իսկ Օստապը դեռ չկար։ Նա եկավ երեկոյան կողմ և Վորոբյանինովին գտավ վատ տրամադրության մեջ։
 +
 +
― Որտե՞ղ էիք, հառաչեց պարագլուխը։ ― Ես այնպես տանջվեցի։
 +
 +
― Այդ դո՞ւք տանջվեցիք, տոմսը գրպանում ուղևորվելով։ Իսկ ես, ուրեմն, չե՞մ տանջվել։ Այդ ինձ չէ՞ր, հետևաբար, որ Տիխորեցկում վռնդեցին ձեր գնացքի բուֆերների վրայից։ Այդ նշանակում է, ես չէի նստել այնտեղ հիմարի պես երեք ժամ, սպասելով նարզանի դատարկ շշերով բեռնված ապրանքատար գնացքին։ Դուք խո՛զ եք, քաղաքացի պարագլուխ։ Որտե՞ղ է թատրոնը։
 +
 +
― Պյատիգորսկում։
 +
 +
― Մեկնե՛նք։ Ես որոշ բան չանթեցի ճանապարհին։ Զուտ եկամուտը արտահայտվում է երեք ռուբլով։ Դա, իհարկե, քիչ է, բայց կհերիքի նարզան խմելու և երկաթուղու տոմս գնելու։
 +
 +
Ամառանոցային գնացքը, սայլի պես ճռճռալով, հիսուն րոպեի ընթացքում ուղևորներին հասցրեց Պյատիգորսկ։ Կոնցեսիոներները Զմեյկայի և Բեշտաուի կողքով եկան֊հասան Մաշուկի ստորոտին։
 +
 +
 +
==Մալախիտե լճակի տեսարանը==
 +
 +
 +
Կիրակնօրյա իրիկուն էր։ Ամեն ինչ լվացված ու մաքրված։ Թփուտներով ու պուրակներով պատած Մաշուկն անգամ թվում էր խնամքով սանրված ու լեռնային վեժետալի հոտ էր զեղում։
 +
 +
Խաղալիքային կառամատույցի վրա երևում և անհետանում էին ամենատարբեր կարգի սպիտակ շալվարներ՝ սատանի կաշուց, ռագոժից, վուշե գործվածքից, պարուսինից և նուրբ ֆլանելից։ Այստեղ ման էին գալիս սանդալներով և «ապաշ» վերնաշապիկներով։ Կոնցեսիոներները ծանր ու կեղտոտ սապոգներով, ծանր ու փոշոտ շալվարներով, տաք ժիլետներով ու շիկացած պիջակներով խորթ էին զգում իրենց։ Ուրախ չթերի բազմազանության մեջ, որոնցով պճնվել էին կուրորտային օրիորդները, ամենից պայծառն ու ամենից նրբագեղը կայարանապետի կոստյումն էր։
 +
 +
Ի զարմանս բոլոր եկվորների կայարանապետը կին էր։ Կարմրաշեկ գանգուրները դուրս էին պրծել բոլորքին երկու արծաթյա տրեզներ կպցրած գլխարկի տակից։ Նա հագել էր համազգեստային սպիտակ կիտել և սպիտակ յուբկա։
 +
 +
Պետով լիուլի հիանալուց հետո, Կոլումբ թատրոնի Պյատիգորսկում ունենալիք գաստրոլների վերաբերյալ նոր փակցրած աֆիշաները կարդալուց և երկու հինգկոպեկանոց բաժակ նարզան խմելուց հետո ուղևորները մուտք գործեցին քաղաք՝ կայարան «Ծաղկանոց» գծի տրամվայով։ «Ծաղկանոց մտնելու համար վերցրին տասը կոպեկ։
 +
 +
«Ծաղկանոցում շատ երաժշտություն կար, շատ ուրախ մարդիկ և շատ քիչ ծաղիկ։ Սիմֆոնիկ նվագախումբը սպիտակ խեցու մեջ կատարում էր «Մոծակների պարը»։ Լերմոնտովյան գալերեայում նարզան էին վաճառում։ Նարզան էին վաճառում կիոսկներում և ձեռքի վրա։
 +
 +
Ոչ ոք գործ չուներ երկու կեղտոտ ադամանդ որոնողների հետ։
 +
 +
― Է՜խ, Կիսա, ― ասաց Օստապը, ― կյանքի այս տոնախմբությունում մենք օտար ենք։
 +
 +
Կուրորտում կոնցեսիոներները առաջին գիշերը անցկացրին նարզանի աղբյուրի մոտ։
 +
 +
Միայն այստեղ, Պյատիգորսկում, երբ Կոլումբի թատրոնը ապշած քաղաքացիների առջև երրորդ անգամ բեմադրում էր իր «Ամուսնությունը», կոմպանյոնները հասկացան գանձի ետևից ընկնելու ամբողջ դժվարությունը։ Թատրոն մուտք գործել, ինչպես նրանք առաջ ենթադրում էին, հնարավոր չէր։ Կուլիսների ետևում գիշերում էին Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը, որոնց մարկայով ստանալիքը թույլ չէր տալիս հյուրանոցում ապրելու։
 +
 +
Այդպես անցնում էին օրերը, և բարեկամները հալից ընկնում էին՝ գիշերելով Լերմոնտովի մենամարտի վայրում և սնվելով միջին կարողությամբ տուրիստների բեռները կրելով։
 +
 +
Վեցերորդ օրը Օստապին հաջողվեց ծանոթություն հաստատել մոնտյոր Մեչնիկովի, հիդրոմամուլի պետի հետ։ Այդ օրերին Մեչնիկովը, որը փողի բացակայության պատճառով խումարությունից դուրս էր գալիս ակունքից նարզան խմելով, սարսափելի վիճակում էր և, ինչպես Օստապն էր նկատել, շուկայում ինչ֊որ իրեր էր վաճառում  թատրոնական ռեկվիզիտից։ Վերջնական համաձայնության եկան աղբյուրի մոտ՝ առավոտվա գինարգուքին։ Մոնտյոր Մեչնիկովը Օստապին դուսյա էր անվանում և համաձայնվում էր։
 +
 +
― Կարելի է, ― ասում էր նա, ― էդ մեկը միշտ էլ կարելի է, դույսա։ Մեծ ուրախությամբ, դուսյա։
 +
 +
Օստապն իսկույն գլխի ընկավ, որ մոնտյորը մեծ վարպետ է։
 +
 +
Համաձայնող կողմերը նայում էին մեկ մեկու աչքերին, գրկախառնվում, թփթփացնում էին իրար մեջքի և քաղաքավարի ծիծաղում էին։
 +
 +
― Դե՛, ― ասաց Օստապը, ամբողջ գործի համար մի տասանոց։
 +
 +
― Դո՜ւսյա, ― զարմացավ մոնտյորը։ ― Դուք ինձ չարացնում եք։ Ես նարզանից տանջված մարդ եմ։
 +
 +
― Բա որքա՞ն եք ուզում։
 +
 +
― Կես հարյուրանոց վեր դրեք։ Ախր գույքը պետական է։ Ես էլ տանջված մարդ եմ։
 +
 +
― Լավ։ Վերցրեք քսան։ Համաձա՞յն  եք։ Է՜, աչքերիցդ երևում է, որ համաձայն եք։
 +
 +
― Համաձայնությունը արդյունք է կողմերի լրիվ չհակառակվելու դեպքում։
 +
 +
― Լավ է շարադրում, շանորդին, ― շշնջաց Օստապը Իպոլիտ Մատվեևիչի ականջին, ― սովորեցեք։
 +
 +
― Ե՞րբ կբերեք աթոռները։
 +
 +
― Աթոռները փողի դիմաց։
 +
 +
― Այդ կարելի է, ― ասաց Օստապը, առանց մտածելու։
 +
 +
― Փողն առաջուց, ― հայտարարեց մոնտյորը, ― առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները, կամ երեկոյան՝ փողը, իսկ հետևյալ օրվա առավոտյան աթոռները։
 +
 +
― Բայց միգուցե, այսօր՝ աթոռները, իսկ վաղը՝ փո՞ղը, ― հորցուփորձ էր անում Օստապը։
 +
 +
― Ես, ախր, դուսյա, տանջված մարդ եմ։ Նման պայմաններ հոգիս չի ընդունում։
 +
 +
― Բայց ախր ես, ― ասաց Օստապը, ― միայն վաղն եմ փող ստանալու հեռագրով։
 +
 +
― Այդ ժամանակ էլ կխոսենք, ― եզրակացրեց հաստակող մոնտյորը, ― իսկ առայժմ, դուսյա, բախտավոր մնացեք ակունքի մոտ, իսկ ես գնացի․ մամլիչի հետ կապված շատ գործեր ունեմ։ Սիմբիևիչը կոկորդիլոս է բռնում։ Էլ կարողություն չունեմ։ Իսկ միայն նարզանով ապրել կլինի՞։
 +
 +
Ու Մեչնիկովը, արևով հիանալի լուսավորված, հեռացավ։
 +
 +
Օստապը խստադեմ նայեց Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Ժամանակը, ― ասաց նա, ― որ մենք ունենք՝  փող է, որ մենք չունենք։ Կի՛սա, մենք պետք է կարիերա անենք։ Հարյուր հիսուն հազար ռուբլի և զրո֊զրո կոպեկը մեր առջևումն է։ Քսան ռուբլի է պետք միայն, որպեսզի գանձը մերը լինի։ Այս դեպքում ոչ մի բանից չպետք է խորշել։ Կամ պան, կամ չոբան։ Ընտրում եմ պանին, թեև նա որոշակի լեհ է։
 +
 +
Օստապը մտախոհ պտտվեց Վորոբյանինովի չորս բոլորը։
 +
 +
― Հանեցեք պիջակը, պարագլուխ, արագ, ― ասաց նա անսպասելիորեն։
 +
 +
Օստապը զարմացած Իպոլիտ Մատվեևիչի ձեռքից վերցրեց պիջակը, նետեց գետին և սկսեց կոխկռտել փոշոտ կոշիկներով։
 +
 +
― Ի՞նչ եք անում, ― աղաղակեց Վորոբյանինովը։ ― Տասնհինգ տարի է հագնում եմ այդ պիջակը և միշտ նոր է երևում։
 +
 +
― Մի՛ հուզվեք։ Շուտով արդեն նա նոր չի լինի։ Տվեք շլյապան։ Հիմա փոշի ցանեք ձեր շալվարի վրա և ջրեք նարզանով։ Արա՛գ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը մի քանի րոպե անց գարշելիության աստիճանի կեղտոտվեց։
 +
 +
― Այժմ դուք հասունացաք և լիակատար հնարավորություն ունեք փող վաստակելու ազնիվ աշխատանքով։
 +
 +
― Իսկ ես ի՞նչ եմ անելու, ― արտասվալից ձայնով հարցրեց Վորոբյանինովը։
 +
 +
― Հուսով եմ, ֆրանսերեն գիտեք։
 +
 +
― Շատ վատ։ Գիմնազիական կուրսի սահմաններում։
 +
 +
― Հըմ․․․ Ստիպված եք գործել այդ սահմաններում։ Կարո՞ղ եք արդյոք ֆրանսերեն ասել հետևյալ ֆրազը․ «Պարոնայք, ես վեց օր է չեմ կերել»։
 +
 +
― Մոսյո, ― սկսեց Իպոլիտ Մատվեևիչը կմկմալով, ― մոսյո, հըմ, հըմ․․․ ժենե, կարծեմ ժե նե մանժ պա․․․ ― վեց, ― ոնց են ասում, էն, դե, տրուա, քատր, սենկ․․․ սիս․․․ սիս․․․ ժուր։ Նշանակում է, ժե նե մանժ պա սիս ժուր։
 +
 +
― Հա՜մա թե առոգանություն ունեք, Կի՛սա։ Ասենք, ի՜նչ պահանջես մուրացկանից։ Իհարկե, Եվրոպական Ռուսաստանի մուրացկանը շատ ավելի վատ է խոսում ֆրանսերեն, քան Միլյերանը։ Դե՛, Կիսուլյա, իսկ ի՞նչ սահմաններում գիտեք գերմաներեն։
 +
 +
― Ինչի՞ս է պետք այդ ամենը, ― բացականչեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Նրա համար, ― ասաց Օստպը ծանրակշիռ կերպով, ― որ հիմա գնալու եք «Ծաղկանոց», կանգնելու եք ստվերում և ողորմություն եք խնդրելու ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով, ընդգծելով, որ դուք պետական դումայի նախկին անդամ եք կադետների ֆրակցիայից։ Զուտ արդյունքը ամբողջությամբ կհանձնվի մոնտյոր Մեչնիկովին։ Հասկացա՞ք։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կերպարանափոխվեց։ Նրա կուրծը փքվեց, ինչպես Լենինգրադի Դվորցովի կամուրջը, աչքերից կրակ ցայտեց և ռունգերից, ինչպես թվաց Օստապին թանձր ծուխ հորդեց։ Բեղերը կամաց֊կամաց սկսեցին վեր բարձրանալ։
 +
 +
― Ա՛յ֊ա՛յ֊այ, ― ասաց մեծ կոմբինատորը բնավ չվախենալով, ― մի սրա՜ն նայեցեք։ Մարդ չէ, այլ ինչ֊որ կուզիկ֊քուռկիկ։
 +
 +
― Երբե՛ք, ― սկսեց հանկարծ որովայնախոսել Իպոլիտ Մատվեևիչը, ― Վորոբյանինովը երբեք ձեռք չի պարզել։
 +
 +
― Դե, ուրեմն, ոտքներդ կպարզեք, ծեր հիմար, ― բղավեց Օստապը։ ― Դուք ձեռք չեք պարզե՞լ։
 +
 +
― Չեմ պարզել։
 +
 +
― Ինչպես է ձեզ դուր գալիս այս ալֆոնիզմը։ Երեք ամիս է՝ ապրում եք իմ հաշվին։ Երեք ամիս է՝ կերակրում եմ նրան, խմեցնում ու դաստիարակում, և այս ալֆոնսը հիմա երրորդ դիրք է բռնում և հայտարարում, թե ինքը․․․ Դե՛, բավական է, ընկեր։ Երկուսից մեկը․ կամ հենց հիմա կգնաք «Ծաղկանոց» և իրիկվա դեմ կբերեք տասը ռուբլի, կամ ես ձեզ ավտոմատիկ կերպով հանում եմ փայատեր֊կոնցեսիոներների ցուցակից։ Հաշվում եմ մինչև հինգը։ Այո կամ ոչ։ Մե՛կ․․․
 +
 +
― Այո, ― փնթփնթաց պարագլուխը։
 +
 +
― Այդ դեպքում կրկնեցեք աղերսանքը։
 +
 +
― Մոսյո, ժե նե մանժ պա սիս ժուր։ Գեբեն դի միրրիտտե էտվաս կոպեկ աուֆ դեմ շտյուկ բրոդ։ Ողորմացեք որևէ բան պետական դումայի նախկին դեպուտատին։
 +
 +
― Մի անգամ էլ։ Ավելի պաղատագի՛ն։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կրկնեց։
 +
 +
― Դե լավ։ Մուրացկանության տաղանդը մանկուց է ձեր մեջ դրված։ Գնացեք։ Ժամադրություն աղբյուրի մոտ կես գիշերին։ Նկատի ունեցեք, ռոմանտիկայի համար չէ սա, այլ պարզապես՝ երեկոները ավելի շատ են տալիս։
 +
 +
― Իսկ դուք, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը, ― ո՞ւր եք գնալու։
 +
 +
― Իմ մասին մի անհանգստացեք։ Ես, ինչպես միշտ, գործում եմ ամենադժվարին տեղում։
 +
 +
Բարեկամները բաժանվեցին։
 +
 +
Օստապը վազեց գրենական պիտույքների խանութը, այնտեղ վերջին տասը կոպեկով գնեց անդորագրի գրքույկ և մոտ մի ժամ քարե պատվանդանի վրա նստած համարակալում էր անդորագրերը և ստորագրում ամեն մեկի վրա։
 +
 +
― Ամենից առաջ սիստեմ, ― շշնջում էր նա, ― հասարակական յուրաքանչյուր կոպեկ հաշվի պետք է առնել։
 +
 +
Մեծ կոմբինատորը հրաձգային քայլերով շարժվեց լեռնային ճանապարհով, որը Մաշուկը շրջանցելով, սանատորիաների և հանգստյան տների կողքով տանում էր Լերմոնտովի և Մարտինովի մենամարտի վայրը։
 +
 +
Իրեն անցնող ավտոբուսների և երկձի կառքերի ետևից Օստապը դուրս եկավ Պրավալի մոտ։
 +
 +
Ժայռի մեջ փորած փոքրիկ գալերեան տանում էր դեպի կոնաձև խորխորատը։ Գալերեան վերջանում էր փոքրիկ պատշգամբով, որի վրա կանգնած Պրավալի հատակին կարելի է տեսնել գարշահոտ հեղուկի մալախիտե մի լճակ։ Այդ Պրավալը համարվում է Պյատիգորսկի տեսարժան վայրերից մեկը, ուստի և օրվա ընթացքում այնտեղ այցելում են մեծ թվով էքսկուրսիաներ և միայնակ տուրիստներ։
 +
 +
Օստապն իսկույն պարզեց, որ Պրավալը նախապաշարումներից զուրկ մարդու համար եկամուտի աղբյուր կարող է լինել։
 +
 +
«Զարմանալի բան, ― խորհրդածում էր Օստապը, ― ինչպես է, որ քաղաքը մինչև օրս գլխի չի ընկել տասը կոպեկ վերցնելու Պրավալ մտնելու համար։ Դա միակ տեղն է, կարծես, ուր պայտիգորցիները առանց փողի են ներս թողնում տուրիստներին։ Ես կոչնչացնեմ ամոթալի այդ բիծը քաղաքի բարեհամբավ անունի վրայից, ես կուղղեմ վրդովեցուցիչ զանցառությունը»։
 +
 +
Եվ Օստապը վարվեց այնպես, ինչպես թելադրեց նրա բանականությունը, առողջ բնազդը և ստեղծված իրադրությունը։
 +
 +
Նա կանգնեց Պրավալի մուտքի մոտ և, անդորագրերի գրքույկը ձեռքին խաղացնելով ժամանակ առ ժամանակ բացականչում էր․
 +
 +
― Տոմսեր ձեռք բերեք, քաղաքացինե՛ր։ Տա՛սը կոպեկ։ Երեխաներին և կարմիրբանակայիններին՝ ձրի։ Ուսանողներին՝ հինգ կոպեկ։ Ոչ պրոֆմիության անդամներին՝ երեսուն կոպեկ։
 +
 +
Օստապը հաստատ գործ էր բռնել։ Պյատիգորսկցիները Պրավալ չեն գնում, իսկ սովետական տուրիստից «ինչ֊որ տեղի» մուտքի համար տասը կոպեկ պոկելը ոչ մի ջանք չէր պահանջում։ Ժամը հինգի մոտերքը արդեն հավաքվել էր վեց ռուբլի։ Օգնեցին ոչ պրոֆմիության անդամները, որոնցից շատ կային Պյատիգորսկում։ Բոլորն էլ դյուրահավատորեն տալիս էին իրենց տասը կոպեկանոցները, և մի կարմրաթուշ տուրիստ, տեսնելով Օստապին, հաղթականորեն ասաց կնոջը։
 +
 +
― Տեսնում ես, Տանյուշա, երեկ ի՞նչ էի ասում քեզ։ Իսկ դու ասում էիր, թե Պրավալի մուտքի համար վճարել պետք չէ։ Չի՛ կարող պատահել։ Ճիշտ չէ՞, ընկեր։
 +
 +
― Միանգամայն ճիշտ է, ― հաստատեց Օստապը, ― չի կարող պատահել, որ մուտքի համար չվերցնեն։ Պրոֆմիության անդամներին՝ տասը կոպեկ և ոչ պրոֆմիության անդամներին՝ երեսուն կոպեկ։
 +
 +
Իրիկվա դեմ երկու լինեյկաներով Պրավալին մոտեցավ Խարկովի միլիցիոներների էքսկուրսիան։ Օստապը վախեցավ և այն է ուզում էր անմեղ տուրիստ ձևանալ, բայց միլիցիոներները այնպես քաշվելով խռնվեցին մեծ կոմբինատորի շուրջը, որ այլևս նահանջելու ճանապարհ չկար։ Ուստի և Օստապը բավականին պինդ ձայնով բղավեց․
 +
 +
― Պրոֆմիության անդամներին՝ տասը կոպեկ, բայց քանի որ միլիցիայի ներկայացուցիչները կարող են հավասարեցվել ուսանողներին և երեխաներին, ապա նրանցից հինգական կոպեկ։
 +
 +
Միլիցիոներները վճարեցին, քաղաքավարի տեղեկանալով, թե ինչ նպատակով են գանձվում այդ հինգ կոպեկանոցները։
 +
 +
― Պրավալի կապիտալ վերանորոգման նպատակով, ― հանդգնորեն պատասխանեց Օստապը, ― որպեսզի շատ չփլվի։
 +
 +
Մինչդեռ մեծ կոմբինատորը ճարպկորեն վաճառում էր մալախիտե լճակի տեսարանը, Իպոլիտ Մատվեևիչը կորացած և ամոթից խեղդվելով կանգնել էր ակացիայի տակ և, զբոսնողների վրա չնայելով, ծամծմում էր իրեն հանձնված երեք ֆրազները․
 +
 +
― Մոսյո, ժե նե մանժ պա․․․ Գերեն զի միր բրիտտե․․․ Ողորմություն արեք Պետական դումայի պատգամավորին․․․
 +
 +
Ողորմություն էին տալիս ոչ թե քիչ, այլ մի տեսակ դժկամորեն։ Սակայն խաղալով «մանժ» բառի փարիզյան մաքուր առոգանության վրա և սրտերը հուզելով Պետական դումայի նախկին անդամի թշվառ վիճակով, հաջողվեց մի երեք ռուբլու պղնձե դրամ հավաքել։
 +
 +
Զբոսնողների ոտքերի տակ ճարճատում էր մանրախիճը։ Նվագախումբը փոքրիկ ընդմիջումներով կատարում էր Շտրաուս, Բրամս և Գրիգ։ Ուրախ բազմությունը, կարկաչելով, անցնում էր հին պարագլխի կողքով և ետ վերադառնում։ Լերմոնտովի ստվերն անտեսանելիորեն սավառնում էր վերանդայի բուֆետում մածուն ճաշակող քաղաքացիների գլխավերևում։ Օդեկոլոնի և նարզանային գազերի հոտ էր փչում։
 +
 +
― Ողորմացեք Պետական դումայի նախկին անդամին, ― փնթփնթում էր պարագլուխը։
 +
 +
― Ասացե՛ք, դուք իսկապե՞ս եղել եք Պետական դումայի անդամ, ― լսվեց Իպոլիտ Մատվեևիչի ականջի տակ։ ― Եվ դուք իրո՞ք գնում էիք նիստերին։ Ա՛խ, ա՛խ։ Բա՛րձր դաս։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը դեմքը բարձրացրեց և քարացավ մնաց։ Նրա առջև ճնճղուկի նման թռչկոտում էր հաստլիկ Աբեսալոմ Վլադիմիրովիչ Իզնուրենկովը։ Նա Լոձի դարչնագույն կոստյումը փոխել էր սպիտակ պիջակով և կայծկլտող մոխրագույն շալվարով։ Նա արտասովոր կերպով կայտառ էր և երբեմն գետնից մի հինգ վերշոկ վեր֊վեր էր ցատկում։ Իզնուրենկովը չճանաչեց Իպոլիտ Մատվեևիչին և շարունակեց հարցեր տեղալ նրա գլխին։
 +
 +
― Ասացեք, դուք իսկապե՞ս տեսել եք Ռոձյանկոյին։ Պուրիչկևիչն իսկապե՞ս ճաղատ էր։ Ա՛խ, ա՛խ։ Ի՞նչ թեմա։ Բա՛րձր դաս։
 +
 +
Շարունակելով ցատկոտել, Իզնուրենկովը երեք ռուբլի խոթեց շփոթված պարագլխի ձեռքը և փախավ։ Բայց դեռ երկար ժամանակ «Ծաղկանոցում» առկայծում էին նրա հաստլիկ ազդրերը և ասես ծառերից թափվում էր․
 +
 +
Ա՛խ, ա՛խ։ «Ո՛վ գեղեցկուհի, մի երգիր ինձ մոտ դու Վրաստանի երգերը թախծոտ»։ Ա՛խ, ա՛խ։ «Հիշեցնում են ինձ այս պահին նրանք հեռավոր մի ափ և ուրիշ մի կյանք․․․» Ա՛խ, ա՛խ։ «Իսկ առավոտյան նա դարձյալ ժպտում էր»։ Բա՛րձր դաս․․․
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կանգնել մնացել էր, ― աչքերը գետնին գցած։ Եվ զուր էր այդպես կանգնել։ Շատ բան չէր տեսնում նա։
 +
 +
Պյատիգորսկյան գիշերվա հիասքանչ խավարում պարկի ծառուղիներով զբոսնում էր Էլլոչկա Շչուկինան, իր ետևից քարշ տալով հետը հաշտված խոնարհ Էռնեստ Պավլովիչին։ Թթու ջրեր մեկնելը  Վանդերբիլդի դստեր դեմ մղվող ծանր պայքարի վերջին ակորդն էր։ Հպարտ ամերիկուհին վերջերս զվարճանալու նպատակով սեփական զբոսանավով մեկնել էր Սանդվիչյան կղզիները։
 +
 +
― Խո՛֊խո՛, ― հնչում էր գիշերվա լռության մեջ։ ― Նշանավո՜ր է։ Լազա՜թ։
 +
 +
Լամպերով լուսավորված բուֆետում նստել էր երկնագույն գող Ալխենը իր ամուսին Սաշխենի հետ, որի այտերը առաջվա պես զարդարված էին նիկոլաևյան կիսաբակենբարդներով։ Ալխենը քաշվելով ղարսի խորոված էր ուտում, վրայից կախետի N2 խմելով, իսկ Սաշխենը բակենբարդները սղալելով, սպասում էր պատվիրած թառափ ձկանը։
 +
 +
Սոցապի երկրորդ տան լիկվիդացումից հետո (ամեն ինչ վաճառվել էր, ներառյալ նույնիսկ խոհարարի թասակը և «Կերակուրը լավ ծամելով, դու օգնում ես հասարակությանը», ― լոզունգը)։ Ալխենը որոշել էր հանգստանալ և զվարճանալ։ Բախտն ինքը հովանավորում էր այդ կուշտ ժուլիկին։ Այդ օրը նա պատրաստվում էր գնալ Պրավալ, բայց չհասցրեց։ Դա փրկեց նրան․ Օստապն այդ վախկոտ տնտեսվարից կկթեր ոչ պակաս քան երեսուն ռուբլի։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը քարշ եկավ դեպի աղբյուրը միայն այն ժամանակ, երբ երաժիշտները հավաքեցին իրենց պյուպիտրները, տոնական հասարակությունը ցրվեց և միայն սիրահարված զույգերն էին ուժգնորեն շնչում «Ծաղկանոցի» վտիտ ծառուղիներում։
 +
 +
― Որքա՞ն հավաքեցիք, ― հարցրեց Օստապը․ երբ պարագլխի կորացած կերպարանքը հայտնվեց աղբյուրի մոտ։
 +
 +
― Յոթ ռուբլի քսանինը կոպեկ։ Երեք ռուբլին թղթադրամով։ Մնացածները՝ պղինձ ու մի քիչ էլ արծաթ։
 +
 +
― Առաջին գաստրոլի համար հրաշալի է։ Պատասխանատու աշխատողի դրո՛ւյք։ Դուք ինձ հուզում եք, Կիսա, բայց, կուզենայի իմանալ, այդ որ հիմարն է ձեզ երեք ռուբլի տվել։ Միգուցե՝ մա՞նր եք վերդարձրել։
 +
 +
― Իզնուրենկովը տվեց։
 +
 +
― Չի կարող պատահել։ Աբեսալո՞մը։ Գունդուկծիկի՜ն տես։ Ո՞ր կողմը գլորվեց։ Դուք նրա հետ խոսեցի՞ք։ Ա՜խ, նա ձեզ չճանաչեց։
 +
 +
― Հարցուփորձ էր անում Պետական դումայի մասին։ Ծիծաղում էր։
 +
 +
― Այ տեսնում եք, պարագլուխ, մուրացկան լինելը այնքան էլ վատ բան չէ, մանավանդ չափավոր կրթության և ձայնի թույլ դրվածքի դեպքում։ Իսկ դուք դեռ կոտրատվում էիք, լորդ֊կնքապահ էիք ձևացնում ձեզ։ Դեհ, Կիսոչկա, ես էլ ժամանակը իզուր չեմ անցկացրել։ Տանհինգ ռուբլի մի կոպեկի պես։ Ընդամենը՝ կհերիքի։
 +
 +
Մյուս առավոտ մոնտյորը ստացավ փողը և երեկոյան քարշ տվեց երկու աթոռ։ Երրորդ աթոռը, իր ասելով, ոչ մի կերպ հնարավոր չէր վերցնել։ Հնչյունային ձևավորումը նրա վրա թուղթ էր խաղում։
 +
 +
Ավելի մեծ ապահովության համար բարեկամները բարձրացան Մաշուկ լեռան համարյա թե գագաթը։
 +
 +
Ներքևում անշարժ և հաստատուն լույսերով շողշողում էր Պյատիգորսկը։ Պյատիգորսկից քիչ ներքևի թույլ լույսերը նշանակում էին Գորյաչեվոդսկայա ստանցիան։ Հորիզոնում լեռան ետևից երկու զուգահեռ կետագծերով գլուխը դուրս էր հանել Կիսլովոդսկը։
 +
 +
Օստապը նայեց աստղալից երկնքին և գրպանից հանեց մեզ արդեն հայտնի տափակաբերան աքցանը։
 +
 +
 +
==Կանաչ հրվանդանը==
 +
 +
 +
Ինժեներ Բռունսը նստել էր Կանաչ Հրվանդան ամառանոցի քարե պատշգամբում, մեծ արմավենու տակ, որի օսլայած տերևները սուր ու նեղ ստվերներ էին գցում ինժեների սափրված ծոծրակին, սպիտակ վերնաշապկին և գեներալշա Պոպովայի գարնիտուրից գնած հաբսյան աթոռին, որի վրա նստած ինժեները տանջվում էր, ճաշի սպասելով։
 +
 +
Բռունսը խողովակաձև երկարացրեց հաստ ու հյութեղ շրթունքները և չարաճճի ճստլիկի պես ծոր տվեց․
 +
 +
― Մ֊ո՜ւ֊ու֊սիկ։
 +
 +
Ամառանոցը լուռ էր։
 +
 +
Արևադարձային բուսականությունը գուրգուրում էր ինժեներին։ Կակտուսները իրենց ոզնու ձեռնոցներն էին մեկնում նրան։ Վիշապածառերը շառաչում էին իրենց տերևներով։ Բանաններն ու սագոյի արմավենիները ճանճերն էին քշում ինժեների ճաղատից։ Պատշգամբը պարուրած վարդերը  թափվում էին նրա սանդալների վրա։
 +
 +
Բայց ամեն ինչ զուր էր։ Բռունսը ճաշել էր ուզում։ Նա ջղայնացած նայում էր սադափե ծովախորշին և ծոր տալով կանչում էր․
 +
 +
― Մու֊ու֊ու֊սիկ։ Մո՜ւ֊ու֊ուսիկ։
 +
 +
Մերձարևադարձային խոնավ օդում ձայնը արագ մարում էր։ Պատասխան չկար։ Բռունսը պատկերացրեց մեծ դարչնագույն սագին թշշացող յուղալի կաշվով և, դիմանալու ուժ չունենալով գոչեց․
 +
 +
― Մո՜ւդիկ։ Սագիկը պատրա՞ստ է։
 +
 +
― Անդրեյ Միխայլովիչ, ― բղավեց կանացի մի ձայն սենյակից։ ― Գլուխս մի տանի։
 +
 +
Շրթունքներին սովորականի պես խողովակի ձև տալով, ինժեներն անմիջապես պատասխանեց․
 +
 +
― Մո՛ւսիկ։ Դու չե՞ս խղճում քո փոքրիկ ամուսնյակին։
 +
 +
― Կորի՛ր, շատակե՛ր, ― պատասխանեցին սենյակից։
 +
 +
Բայց ինժեները չհնազանդվեց։ Նա այն է պատրաստվում էր շարունակելու սագին ուղղված կոչերը, որն արդեն երկու ժամ է ապարդյուն անում էր, բայց անսպասելի մի խշրտոց ստիպեց նրան շուռ գալ։
 +
 +
Բամբուկի կանաչասև մացառուտից դուրս եկավ մի մարդ՝ պատառոտված կապույտ շեղօձիք վերնաշապիկով, ծոպավոր ոլորուն թոկով գոտևորված և զոլավոր մաշված շալվարով։ Անծանոթի բարի դեմքի վրա ցցվել էր գզգզված մորուքը։ Ձեռքին բռնել էր պիջակը։
 +
 +
Մարդը մոտեցավ և հաճելի ձայնով հարցրեց․
 +
 +
― Այստեղ որտեղ է գտնվում ինժեներ Բռունսը։
 +
 +
― Ինժեներ Բռունսը ես եմ, ― ասաց սագիկին հմայողը անսպասելի բասով։ ― Ինչո՞վ կարող եմ ծառայել։
 +
 +
Մարդը լուռումունջ ծնկի եկավ։ Դա տեր Ֆյոդորն էր։
 +
 +
― Գժվե՞լ եք, ինչ է, ― բացականչեց ինժեները, տեղից ցատկելով։ ― Վե՛ր կացեք, խնդրեմ։
 +
 +
― Չեմ վեր կենա, ― պատասխանեց տեր Ֆյոդորը գլուխը ինժեների ետևից պտտեցնելով և ջինջ աչքերով նայելով նրան։
 +
 +
― Վե՛ր կացեք։
 +
 +
― Չեմ վերկենա։
 +
 +
Եվ տեր Ֆյոդորը զգուշորեն, որպեսզի ցավ չզգա, գլուխն սկսեց թխկթխկացնել մանրախճերին։
 +
 +
― Մո՛ւսիկ։ Ե՛կ այստեղ, ― բղավեց վախեցած ինժեները։ ― Տես, թե ինչ է կատարվում։ Վե՛ր կացեք խնդրում եմ։ Աղաչում եմ ձեզ։
 +
 +
― Չեմ վերկենա, ― կրկնեց տեր Ֆյոդորը։
 +
 +
Պատշգամբ վազեց Մուսիկը, որը լավ գլուխ էր հանում ամուսնու ձայնի ելևէջներից։
 +
 +
Դամային տեսնելով տեր Ֆյոդորը ծնկաչոք, ճարպկորեն սողալով մոտեցավ նրան, խոնարհ գլուխ տվեց և արագ֊արագ վրա տվեց․
 +
 +
― Ձեզ վրա է, տիրուհիս, ձեզ վրա է, աղավնյակս, ձեզ վրա է իմ հույսը։
 +
 +
Այդ ժամանակ Բռունսը կարմրեց, բռնեց խնդրողի կռնատակերից և, զոռ տալով, բարձրացրեց նրան, որպեսզի ոտքի կանգնեցնի, բայց տեր Ֆյոդորը խորամանկություն բանեցրեց և ոտքերը կուչ ածեց։ Զայրացած Բռունսը տարօրինակ հյուրին քարշ տվեց անկյուն և բռնությամբ նստեցրեց կիսաբազկաթոռին (հաբսյան, բնավ ոչ Վորբյանինովի առանձնատան, այլ գեներալշա Պոպովայի հյուրասենյակի)։
 +
 +
― Չեմ համարձակվում, ― քրթմնջաց տեր Ֆյոդորը, ծնկին դնելով հացթուխի՝ նավթի հոտ բուրող պիջակը, ― չեմ համարձակվում նստել բարձրաստիճան անձնավորությունների ներկայությամբ։
 +
 +
Եվ տեր Ֆյոդորը նորից փորձ արեց ծունկի իջնելու։
 +
 +
Ինժեները տխուր ճիչով բռնեց տեր Ֆյոդորի ուսերից։
 +
 +
― Մուսիկ, ― ասաց նա, ծանր շնչելով, ― խոսիր այս քաղաքացու հետ։ Այստեղ ինչ֊որ թյուրիմացություն կա։
 +
 +
Մուսիկն անմիջապես գործնական տոն վերցրեց։
 +
 +
― Իմ տանը, ― ասաց նա սպառնալից, ― խնդրում եմ ոչ մի ծունկի չիջնել։
 +
 +
― Աղունի՜կս, ― մեղմացավ տեր Ֆյոդորը։ ― Տիրուհի՜ս։
 +
 +
― Ոչ մի տիրուհի էլ չեմ ձեզ համար։ Ի՞նչ եք կամենում։
 +
 +
Տերտերն ինչ֊որ անհասկանալի, բայց սիրալիր բաներ կմկմաց։ Երկար հարցուփորձից հետո միայն հաջողվեց հասկանալ, որ նա իբրև առանձնահատուկ շնորհ խնդրում է ծախել իրեն տասներկու աթոռից բաղկացած գարնիտուրը, որոնցից մեկի վրա ներկա մոմենտին նստած է։
 +
 +
Ինժեները զարմանքից բաց թողեց  տեր Ֆյոդորի ուսերը, որն անմիջապես թրմփաց ծնկներին և սկսեց կրիայի պես սողալ ինժեների ետևից։
 +
 +
― Ինչո՞ւ, ― բղավում էր ինժեները, խույս տալով տեր Ֆյոդորի երկար ձեռքերից, ― ինչո՞ւ ես պետք է ծախեմ իմ աթոռները։ Ինքան էլ որ ծունկի իջնեք, ես ոչինչ հասկանալ չեմ կարող։
 +
 +
― Ախր դրանք իմ աթոռներն են, ― հեծեծաց տեր Ֆյոդորը։
 +
 +
― Այսինքն ինչպե՞ս թե ձերն են։ Որտեղի՞ց են ձերը։ Խելքներդ թռցրե՞լ եք։ Մո՛ւսիկ, հիմա ինձ համար ամեն ինչ պարզ է։ Սա որոշակի պսիխ է։
 +
 +
― Ի՛մն են, ― նվաստորեն պնդում էր տեր Ֆյոդորը։
 +
 +
― Ինչ է, ձեր կարծիքով ուրեմն ես ձեզանից գողացե՞լ եմ, ― տաքացավ ինժեները։ ― Գողացե՞լ եմ։ Լսում ես, Մուսիկ։ Սա ինչ֊որ շանտաժ է։
 +
 +
― Աստված ոչ անի, ― շշնջաց տեր Ֆյոդորը։
 +
 +
― Եթե ես ձեզանից գողացել եմ, ապա պահանջեցեք դատարանով և իմ տանը սատանի դժոխք մի սարքեք։ Լսո՛ւմ եք։ Մուսիկ։ Մինչև որտեղ է հասնում անպատկառությունը։ Չեն էլ թողնում մարդավարի ճաշել։
 +
 +
Ոչ, տեր Ֆյոդորը չէր ուզում դատարանով պահանջել «իր» աթոռները։ Ամենևին։ Նա գիտեր, որ ինժեներ Բռունսն իրենից աթոռներ չի գողացել։ Օ, ո՛չ։ Նրա մտքովն անգամ այդ բանը չի անցել։ Բայց և այնպես այդ աթոռները մինչև հեղափոխությունը պատկանում էին իրեն, տեր Ֆյոդորին, և նրանք անսահմանորեն թանկ են հենց հիմա Վորոնեժում մահացող իր կնոջ համար։ Կատարելով նրա կամքը, և ոչ թե իր սեփական հանդգնությամբ, նա թույլ տվեց իրեն իմանալ աթոռների գտնվելու տեղը և ներկայանալ քաղաքացի Բռունսին։ Տեր Ֆյոդորը ողորմություն չի խնդրում։ Օ, ո՛չ։ Նա բավականին ապահովված է (Սամարայում մի փոքրիկ մոմի գործարան), որպեսզի հին աթոռների գնումով քաղցրացնի կնոջ վերջին րոպեները։ Նա պատրաստ է ժլատություն չանել և ամբողջ գարնիտուրի դիմաց վճարել քսան ռուբլի։
 +
 +
― Ի՞նչ, ― բղավեց ինժեները շիկնելով։ ― Քսան ռուբլի՞։ Հյուրասենյակի հիանալի գարնիտուրի դիմա՞ց։ Մո՛սիկ։ Դու լսո՞ւմ ես։ Այնուամենայնիվ սա պսիխ է։ Աստված վկա, պսիխ է։
 +
 +
― Ես պսիխ չեմ։ Այլ միայն կատարելով կամքն ինձ ուղարկող կնոջն իմո․․․
 +
 +
― Օ՜, սատանա, ― ասաց ինժեները, ― նորից սողալ սկսեց։ Մո՛ւսիկ։ Նա նորից սողում է։
 +
 +
― Գին նշանակեցեք, ― հեծում էր տեր Ֆյոդորը, գլուխը զգուշորեն ծառի բնին խփելով։
 +
 +
― Ծառը մի փչացնեք, տխմարի մեկը։ Մո՛ւսիկ, կարծես սա պսիխ չէ։ Պարզապես, ինչպես երևում է, տրամադրությունն ընկած է կնոջ հիվանդության պատճառով։ Չծախե՞նք արդյոք աթոռները, հը՞։ Ձեռք կքաշի, հը՞։ Թե չէ ճակատը կջարդի։
 +
 +
― Իսկ մենք ինչի՞ վրա ենք նստելու, ― հարցրեց Մուսիկը։
 +
 +
― Ուրիշները կգնենք։
 +
 +
― Այդ քսան ռուբլո՞վ։
 +
 +
― Քսանով, ասենք, ծախողը չեմ։ Ասենք ՝ երկու հարյուրով էլ չեմ ծախի․․․ Իսկ երկու հարյուր հիսունով կծախեմ։
 +
 +
Պատասխան եղավ գլխի ահավոր հարվածը վիշապածառին։
 +
 +
― Դե, Մուսիկ, իմ զահլեն գնաց արդեն։
 +
 +
Ինժեները վճռաբար մոտեցավ տեր Ֆյոդորին և սկսեց թելադրել ուլտիմատումը․
 +
 +
― Նախ և առաջ երեք քայլից ոչ պակաս հեռացեք արմավենուց, երկրորդ՝ անմիջապես վեր կացեք։ Երրորդ՝ կահույքը ես կծախեմ երկու հարյուր հիսուն ռուբլուց ոչ պակաս։
 +
 +
― Ոչ ի սեր շահի, ― երգեց տեր Ֆյոդորը, ― այլ միայն հիվանդ կնոջս կամքը կատարելու համար։
 +
 +
― Է՜, սիրելիս, իմ կինն էլ է հիվանդ։ Այնպես չէ՞, Մուսիկ, քո թոքերը կարգին վիճակում չեն։ Բայց ես դրա հիման վրա չեմ պահանջում, որպեսզի դուք․․․ նու․․․ ծախեք ինձ, ենթադրենք, ձեր պիջակը երեսուն կոպեկով։
 +
 +
― Ձրի՛ վերցրեք, ― բացականչեց տեր Ֆյոդորը։
 +
 +
Ինժեները ջղայնացած ձեռքը թափահարեց և սառնությամբ ասաց․
 +
 +
― Դուք ձեր կատակները թողեք։ Ես այլևս ոչ մի դատողությունների մեջ չեմ ընկնելու։ Աթոռներն իմ կողմից գնահատված են երկու հարյուր հիսուն ռուբլի, և ես ոչ մի կոպեկ չեմ զիջի։
 +
 +
― Հիսո՛ւն, ― առաջարկեց տեր Ֆյոդորը։
 +
 +
― Մո՛ւսիկ, ― ասաց ինժեները։ ― Կանչիր Բագրատիոնին։ Թող ճամփու դնի քաղաքացուն։
 +
 +
― Ոչ ի սեր շահի․․․
 +
 +
― Բագրատիո՛ն։
 +
 +
Տեր Ֆյոդորը ահաբեկված փախավ, իսկ ինժեները գնաց ճաշասենյակ և նստեց սագ ուտելու։ Սիրած թռչունը բարերար ազդեցություն ունեցավ Բռունսի վրա։ Նա սկսեց հանգստանալ։
 +
 +
Այն պահին, երբ ինժեները, ոսկորը ծխախոտի թղթով փաթաթած, սագի բուդը մոտեցրեց վարդագույն բերանին, պատուհանում հայտնվեց տեր Ֆյոդորի աղերսալի դեմքը։
 +
 +
― Ոչ ի սեր շահի, ― ասաց մեղմ ձայնը։ ― Հիսունհինգ ռուբլի։
 +
 +
Ինժեները առանց հետ նայելու, մռնչաց։ Տեր Ֆյոդորը չքացավ։
 +
 +
Հետո արդեն ամբողջ օրը տեր Ֆյոդորի կերպարանքը երևում և անհետանում էր ամառանոցի բոլոր ծայրերում։ Մերթ նա դուրս էր վազում կրիպտոմերիի շվաքից, մերթ երևան էր գալիս մանդարինի պուրակում, մերթ թռչում֊անցնում էր ետնամուտքի միջով և, թրթռալով, սլանում էր դեպի Բուսաբանական այգի։
 +
 +
Ինժեներն ամբողջ օրը կանչում էր Մուսիկին, գանգատվում էր պսիխից և գլխացավանքից։ Վերահաս մթության մեջ ժամանակ առ ժամանակ լսվում էր տեր Ֆյոդորի ձայնը։
 +
 +
― Հարյուր երեսունութ, ― բղավում էր նա երկնքի ինչ֊որ տեղից։
 +
 +
Իսկ մի րոպե անց նրա ձայնը գալիս էր Դումբասովի ամառանոցի կողմից։
 +
 +
― Հարյուր քառասունմեկ, ― առաջարկում էր տեր Ֆյոդորը, ― ոչ ի սեր շահի, պարոն Բռունս, այլ միայն․․․
 +
 +
Վերջապես ինժեները չդիմացավ, դուրս եկավ պատշգամբի մեջտեղը և, խավարի մեջ նայելով, սկսեց համաչափ կերպով բղավել․
 +
 +
― Սատանան ձեզ հետ։ Երկու հարյուր ռուբլի։ Միայն թե ձեռք քաշեք։
 +
 +
Լսվեց անհանգստացած բամբուկների խշշոց, մեղմ հառաչանք և հեռացող ոտնաձայն։ Հետո ամեն ինչ լռեց։
 +
 +
Ծովածոցում աստղեր էին թպրտում։ Կայծոռիկները հասնում էին տեր Ֆյոդորին, պտտվում նրա գլխի շուրջը, դեմքը ողողելով բուժական կանաչավուն լույսով։
 +
 +
― Հա՜մա թե սագեր են լույս ընկել, ― շշնջաց ինժեները սենյակ մտնելով։
 +
 +
Մինչդեռ տեր Ֆյոդորը վերջին ավտոբուսով ծովափի երկարությամբ թռչում էր Բաթում։ Հենց կողքին, թերթվող գրքի ձայնով թեթև ափնակոծություն էր, քամին խփում էր դեմքին և ավտոմոբիլի շչակին պատասխանում էր չախկալների ոռնոցը։
 +
 +
Հենց նույն երեկոյան տեր Ֆյոդորը կնոջը՝ Կատերինա Ալեքսանդրովնային N քաղաքն ուղարկեց այսպիսի մի հեռագիր․
 +
 +
<b>Ապրանքը գտա հեռագրով ուղարկիր երկու հարյուր  երեսուն ծախիր ինչ ուզում ես Ֆեյդա</b>
 +
 +
Երկու օր շարունակ նա խանդավառությամբ թրև էր գալիս Բռունսի ամառանոցի շուրջը, հեռվից գլուխ էր տալիս Մուսիկին և նույնիսկ մերթ ընդ մերթ արևադարձային հեռուները թնդացնում էր բղավոցներով․
 +
 +
― Ոչ ի սեր շահի, այլ միայն կամոքն ինձ ուղարկող կնոջն իմո։
 +
 +
Երրորդ օրը փողն ստացվեց հուսահատ հեռագրի հետ միասին․
 +
 +
<b>Ծախեցի ամեն ինչ մնացի առանց կոպեկիի համբուրում և սպասում եմ Եվստեգնիևը դեռ ճաշում է Կատյա</b>
 +
 +
Տեր Ֆյոդորը փողը հաշվեց, եռանդով խաչակնքվեց, վարձեց մի ֆուրգոն և գնաց Կանաչ Հրվանդան։
 +
 +
Մռայլ եղանակ էր։ Քամին թուրքական սահմանից ամպեր էր կուտակում։ Ճորոխից մշուշ էր բարձրանում։ Կապտավուն շերտը երկնքում գնալով պակասում էր։ Փոթորիկը հասնում էր մինչև վեց բալլի։ Արգելված էր լողանալ և բաց ծով դուրս գալ նավակով։ Բաթումի վրա որոտ ու աղմուկ էր կանգնած։ Փոթորիկը ցնցում էր ափերը։
 +
 +
Հասնելով ինժեներ Բռունսի ամառանոցը, տեր Ֆյոդորը պատվիրեց բաշլղավոր աջարացի ֆուրգոնապանին սպասել և գնաց կահույքը բերելու։
 +
 +
― Փողը բերեցի, ― ասաց տեր Ֆյոդորը, ― մի քիչ զիջեցիք։
 +
 +
― Մուսիկ, ― հառաչեց ինժեները, ― ես այլևս չե՜մ կարող։
 +
 +
― Չէ, չէ, ես փողը բերել եմ, ― շտապեց տեր Ֆյոդորը, ― երկու հարյուր ռուբլի, ինչպես ասում էիք։
 +
 +
― Մուսիկ։ Վերցրու նրանից փողը։ Տուր աթոռները։ Ու թող ամեն ինչ շուտ անի։ Ես միգրեն ունեմ։
 +
 +
Ամբողջ կյանքի նպատակը կատարվել էր։ Սամարայի մոմի գործարանը ձեռքի մեջ էր խցկվում։ Ադամանդները արևածաղկի սերմերի պես լցվում էին գրպանները։
 +
 +
Տասներկու աթոռները մեկը մյուսի ետևից բարձեցին ֆուրգոնի մեջ։ Նրանք շատ նման էին Վորոբյանինովի աթոռներին, այն տարբերությամբ միայն, որ սրանց երեսը ոչ թե ծաղկավոր չթից էր, այլ վարդագույն զոլերով կապույտ ռեպսից։
 +
 +
Անհամբերությունը համակել էր տեր Ֆյոդորին։ Փեշի տակ ոլորուն թոկի մեջ խրած ուներ մի կացին։ Տեր Ֆյոդորը նստեց սայլապանի կողքին և, ամեն րոպե աթոռներին նայելով, մեկնեց Բաթումի կողմը։ Կայտառ ձիերը տեր Ֆյոդորին և նրա գանձը տարան ներքև, խճուղիով անցան «Ֆինալ» ռեստորանի կողքով, որի բամբուկե սեղանների և տաղավարների արանքում քամին էր խաղում, թունելի կողքով, որը նավթային մարշրուտի վերջին ցիստերներն էր կուլ տալիս, լուսանկարչի կողքով, որն այդ մռայլ օրը զրկվել էր իր սովորական մուշտարիներից, « Բաթումի բուսաբանական այգի» ցուցանակի կողքով և դանդաղ մոտեցան հենց ափնակոծության գծին։ Այնտեղ, ուր ճանապարհը սահմանակցում էր մասսիվների հետ, աղի ցայտեր էին տեղում տեր Ֆյոդորի վրա։ Մասսիվներով ափից ետ մղված ալիքները դառնում էին հեյզերներ, բարձրանում երկինք և դանդաղորեն ցած ընկնում։
 +
 +
Ափնակոծության հարվածներն ու պայթյունները կոփում էին տեր Ֆյոդորի խռովահույզ հոգին։ Ձիերը, քամու դեմ կռվելով, դանդաղ մոտենում էին Մախինջաուրիին։ Կանաչվուն պղտոր ջրերը փրփրում և սուլում էին մինչև ուր աչքդ կտրի։ Մինչև Բաթում թպրտում էր ափնակոծության ճերմակ փրփուրը, ինչպես փնթի կնոջ շորի  տակից դուրս պրծած յուբկայի փեշ։
 +
 +
― Կա՛ց, ― բղավեց հանկարծ տեր Ֆյոդորը սայլապանին։ ― Կա՛ց, թուրքի մեկը։
 +
 +
Եվ նա, դողալով ու սայթաքելով, սկսեց աթոռներն իջեցնել ամայի ափ։ Անտարբեր աջարացին ստացավ իր հնգանոցը, մտրակեց ձիերին և հեռացավ։ Իսկ տեր Ֆյոդորը, համոզվելով, որ շուրջը ոչ ոք չկա, աթոռները քարափից քարշ տվեց լողափի չոր մնացած փոքրիկ տեղը և կացինը հանեց։
 +
 +
Մի րոպե տարակուսանքի մեջ էր, չիմանալով, թե ո՛ր աթոռից սկսեր։ Հետո լուսնոտի պես մոտեցավ երրորդ աթոռին և կացնով գազանաբար խփեց մեջքին։ Աթոռն անվնաս շուռ եկավ։
 +
 +
― Ըհը՛, ― բղավեց տեր Ֆյոդորը։ ― Ես քեզ ցո՛ւյց կտամ։
 +
 +
Եվ նա նետվեց աթոռի վրա, ինչպես կենդանի էակի վրա։ Մի ակնթարթում աթոռը կտրատվեց կաղամբի պես։ Տեր Ֆյոդորը չէր լսում փայտին, ռեպսին, զսպանակներին հասցրած կացնի հարվածները։ Փոթորիկի հուժկու ոռնոցի մեջ, ինչպես թաղիքի մեջ, խլանում էին բոլոր կողմնակի ձայները։
 +
 +
― Ըհը՛, ըհը՛, ըհը, ― հարակցում էր տեր Ֆյոդորը, կոտորելով ամբողջ թափով։
 +
 +
Աթոռները մեկը մյուսի ետևից շարքից դուրս էին գալիս։ Տեր Ֆյոդորի կատաղությունը գնալով ավելանում էր։ Մեծանում էր և փոթորիկը։ Որոշ ալիքներ հասնում էին մինչև տեր Ֆյոդորի ոտքերը։
 +
 +
Բաթումից մինչև Սինոպ մեծ աղմուկ էր կանգնած։ Ծովը կատաղում էր և իր կատաղությունը թափում ամեն մի փոքրիկ նավակի գլխին։ «Լենին» շոգենավը, երկու ծխնելույզներից ծուխ արձակելով և ծանրորեն նստելով նավախելի վրա, մոտենում էր Նովորոսիյսկին։ Փոթորիկը մոլեգնում էր Սև ծովում, հազարատոնն կոհակներ նետելով Տրպիզոնի, Յալթայի, Օդեսայի և Կոնստանցայի ափերին։ Բոսֆորի և Դարդանելի լռության ետևում շառաչում էր Միջերկրական ծովը։ Ջիբրալտարի նեղուցից դենը Եվրոպայի ափերին էր խփվում Ատլանտյան օվկիանոսը։ Զայրացած ջուրը գոտևորել էր երկրագունդը։
 +
 +
Իսկ Բաթումի ափին կանգնել էր տեր Ֆյոդորը և, քափ ու քրտինքի մեջ կորած, կոտրատում էր վերջին աթոռը։ Մի րոպե անց ամեն ինչ վերջացած էր։ Հուսահատությունը համակեց տեր Ֆյոդորին։ Քարացած հայացք նետելով կիտած ոտքերի, մեջքերի և զսպանակների լեռան վրա, նա ետ֊ետ գնաց։ Ջուրը բռնեց նրա ոտքերից։ Նա նետվեց առաջ և, թրջված, ընկավ խճուղու վրա։ Մի մեծ ալիք շրմփաց այն տեղի վրա, ուր քիչ առաջ կանգնած էր տեր Ֆյոդորը և ետ գլորվելիս, իր հետ տարավ գեներալշա Պոպովայի ողջ ջարդոտած գարնիտուրը։ Տեր Ֆյոդորը չտեսավ այդ։ Նա քարշ էր գալիս խճուղով՝ կծկված ու թաց բռունցքը կրծքին սեղմած։
 +
 +
Նա մտավ Բաթում, կույրի նման շուրջը ոչինչ չտեսնելով։ Նրա դրությունը ամենից սարսափելին էր։ Տանից հինգ հազար կիլոմետր հեռու, գրպանում քսան ռուբլի փող ունենալով, ոչ մի կերպ հնարավոր չէր հասնել հայրենի քաղաք։
 +
 +
Տեր Ֆյոդորն անցավ թուրքական շուկայով, որտեղ նրան իդեալական շշուկով խորհուրդ էին տալիս գնել պուդրա Կոտի, մետաքսյա գուլպաներ և Սուխումի անփաթեթ ծխախոտ, քարշ գալով գնաց կայարան և կորավ բեռնակիրների բազմության մեջ։
 +
 +
 +
==Ամպերի տակ==
 +
 +
 +
Կոնցեսիոներների և մոնտյոր Մեչնիկովի համաձայնությունից երեք օր անց Կոլումբի թատրոնը երկաթուղով մեկնեց Մախաչ֊Կալայի և Բաքվի վրայով։ Կոնցեսիոներները բոլոր այդ երեք օրը, չգոհանալով Մաշուկի վրա հերձած երկու աթոռների բովանդակությունից, սպասում էին Մեչնիկովից երրորդ աթոռին, Կոլումբի աթոռներից վերջինին։ Բայց նարզանի ձեռքից տանջված Մեչնիկովը ստացած քսան ռուբլին ամբողջությամբ վերածեց հասարակ օղու և հասավ այն դրության, որ փակի տակ պահվում էր բուտաֆորանոցում։
 +
 +
― Ահա և քեզ Թթու ջրեր, ― հայտարարեց Օստապը, իմանալով թատրոնի մեկնելու մասին։ ― Շան որդի է այդ մոնտյորը։ Դե արի ու սրանից հետո գործ բռնի թատրոնի աշխատողների հետ։
 +
 +
Օստապը շատ ավելի անհանգիստ դառավ, քան առաջ։ Գանձ գտնելու շանսերն անչափ մեծացել էին։
 +
 +
― Փող է պետք Վլադիկավկազ մեկնելու համար, ― ասաց Օստապը։ ― Այնտեղից մենք ավտոմեքենայով Ռազմա֊Վիրական ճանապարհով կգնանք Թիֆլիս։ Հիասքա՜նչ տեսարաններ։ Հրապուրի՜չ բնանկար։ Հրաշալի՜ լեռնային օդ։ Եվ այդ բոլորի վերջում՝  հարյուր հիսուն հազար ռուբլի զրո֊զրո կոպեկ։ Նիստը շարունակելը միտք ունի։
 +
 +
Բայց Հանքային ջրերից մեկնելն այնքան էլ հեշտ չէր։ Վորոբյանինովը երկաթուղային ապաշնորհ նապաստակ դուրս եկավ, և քանի որ անհաջող էին անցնում գնացք նստելու նրա բոլոր փորձերը, ապա ստիպված եղավ հանդես գալ «Ծաղկանոցի» մոտ իբրև ուսումնական օկրուգի նախկին հոգաբարձու։ Այդ շատ քիչ հաջողություն ունեցավ։ Երկու ռուբլի՝ քսանչորս ժամվա ծանր ու նվաստացուցիչ աշխատանքի դիմաց։ Բայց այդ գումարը բավական էր Վլադիկավկազ գնալու համար։
 +
 +
Բեսլանում անտոմս ուղևորվող Օստապին վռնդեցին գնացքից, և մեծ կոմբինատորը հանդգնորեն երեք վերստ վազեց  գնացքի ետևից, բռունցք թափ տալով բոլորովին անմեղ Իպոլիտ Մատվեևիչի վրա։
 +
 +
Դրանից հետո Օստապին հաջողվեց ցատկել դանդաղորեն դեպի Կովկասյան լեռնաշղթան ձգվող գնացքի աստիճանին։ Այդ դիրքից Օստապը հետաքրքրությամբ նայում էր առջևում բացվող Կովկասյան լեռնաշղթայի համայնապատկերին։
 +
 +
Առավոտվա ժամը չորսն էր։ Լեռների կատարները լուսավորվել էին մուգ֊վարդագույն արևի լույսով։ Լեռները դուր չեկան Օստապին։
 +
 +
― Չափից դուրս շքեղություն կա, ― ասաց նա։ Վայրի գեղեցկություն։ Ապուշի երևակայություն։ Միանգամայն անպետք բան։
 +
 +
Վլադիկավկազի կայարանում եկվորներին սպասում էր Զակավտոպրոմտորգի մեծ ու բաց ավտոբուսը, և սիրալիր մարդիկ ասում էին։
 +
 +
― Ովքեր գնալու են Ռազմա֊Վիրական ճանապարհով, նրանց ձրի կտանենք քաղաք։
 +
 +
― Ո՞ւր, Կիսա, ― ասաց Օստապը։ ― Մենք գնալու ենք ավտոբուսով։ Թող մեզ ձրի տանեն։
 +
 +
Սակայն Օստապը Զակավտոպրոմտորգի գրասենյակում, ուր ավտոբուսը բերեց նրանց, չէր վռազում գրվել մեքենայի տեղի համար։ Աշխույժ զրուցելով Իպոլիտ Մատվեևիչի հետ, նա հիանում էր ամպով պատած Ստալովայա լեռով և, գտնելով, որ լեռն իրոք նման է սեղանի, արագ հեռացավ։
 +
 +
Վլադիկավկազում ստիպված եղան մի քանի որ նստել։ Բայց Ռազմա֊Վիրական ճանապրհով ուղևորվելու համար փող ճարելու բոլոր փորձերը կամ բոլորովին ապարդյուն էին անցնում, կամ օրվա պարենը հայթայթելու միջոցներ էին տալիս միայն։ Քաղաքացիներից տասը կոպեկ գանձելու փորձը չհաջողվեց․ Կովկասյան լեռնաշղթան այնքան բարձր  ու տեսանելի էր, որ հնարավոր չէր այն ցույց տալու համար փող վերցնել։ Չորս կողմից երևում էր նա։ Ուրիշ գեղեցիկ վայրեր Վլադիկավկազում չկային։ Ինչ վերաբերում էր Թերեքին, ապա այն հոսում էր «Տրեկի» ― հեծանվուղու կողքով, որի մուտքի համար փող գանձում էր քաղաքը՝ առանց Օստապի օգնության։ Իպոլիտ Մատվեևիչի ողորմություն հավաքելը երկու օրում տվեց տասներեք կոպեկ։
 +
 +
― Բավական է, ― ասաց Օստապը, ― մի ելք կա․ Թիֆլիս գնալ ոտքով։ Հինգ օրում մենք կանցնենք երկու հարյուր վերստ։ Ոչինչ, պապաշա, լեռնային զմայլելի տեսարաններ, թարմ օդ․․․ Փող է պետք՝ հաց և երշիկ գնելու համար։ Ձեր բառապաշարին կարող եք ավելացնել մի քանի իտալական ֆրազներ, ինչպես ուզում եք, բայց իրիկվա կողմ դուք հավաքելու եք երկու ռուբլուց ոչ պակաս։ Այսօր ստիպված ենք չճաշել, սիրելի ընկեր։ Ավա՜ղ։ Շանսերը վատ են․․․
 +
 +
Ծեգը ծեգին կոնցեսիոներներն անցան Թերեքի կամուրջը, շրջանցեցին զորանոցները և խորացան կանաչ հովտի մեջ, որով անցնում էր Ռազմա֊Վիրական ճանապարհը։
 +
 +
― Մեր բախտը բանեց, Կիսա, ― ասաց Օստապը, ― գիշերը անձրև է եկել, և մենք ստիպված չենք փոշի կուլ տալ։ Մաքուր օդ շնչեք, պարագլուխ։ Երգեցե՛ք։ Կովկասյան ոտանավորներ հիշեցեք։ Պահեցեք ձեզ ինչպես վայել է․․․
 +
 +
Բայց Իպոլիտ Մատվեևիչը ոչ երգում էր, ոչ էլ ոտանավորներ հիշում։ Ճանապարհը սարն ի վեր էր բարձրանում։ Բացօթյա անցկացրած գիշերները զգացնել էին տալիս իրենց կողքի ծակոցներով, ոտքերի ծանրությամբ, իսկ էժանագին երշիկը՝ մշտական ու տանջալից այրոցով։ Նա քայլում էր մի կողքի թեքված, ձեռքին բռնած հինգ ֆունտանոց հացը, որ փաթաթել էր վլադիկավկազյան թերթի մեջ, և ձախ ոտքը հազիվ քարշ տալով։
 +
 +
Դարձյալ գնա՜լ։ Այս անգամ Թիֆլիս, այս անգամ աշխարհում ամենագեղեցիկ ճանապարհով։ Նա շուրջը չէր նայում, Օստապի պես։ Նա բացարձակապես չէր տեսնում Թերեքը, որն արդեն որոտալ էր սկսել հովտի խորքում։ Եվ միայն արևի տակ շողշողացող սառցե գագաթները նրան աղոտ կերպով ինչ֊որ բան էին հիշեցնում․ ոչ այն է ադամանդի փայլը, ոչ այն է վարպետ Բեզենչուկի լավագույն գլազետապատ դաղագները։
 +
 +
Բալտայից հետո ճանապարհը մտավ կիրճը և առաջ շարժվեց մութ ու կախված ժայռերի վրա փորած նեղլիկ քիվով։ Ճանապարհի գալարագիծը դեպի վեր էր պարուրվում, և երեկոյան կոնցեսիոներները հայտնվեցին Լարս կայարանում, ծովի մակերևույթից հազար մետր բարձրության վրա։
 +
 +
Գիշերեցին ձրի խեղճ ու կրակ մի դուքանում և նույնիսկ մեկական բաժակ կաթ ստացան՝ խաղաթղթերի ֆոկուսներով տիրոջը և նրա հյուրերին հրապուրելով։
 +
 +
Առավոտն այնքան հիանալի էր, որ նույնիսկ լեռնային օդով ցողված Իպոլիտ Մատվեևիչն սկսեց երեկվանից ավելի աշխույժ քայլել։ Լարս կայարանից դենը անմիջապես կանգնեց Կողքի լեռնաշղթայի վիթխարի պատը։ Թերեկի հովիտն այստեղ շրջափակվեց նեղ կիրճով։ Բնանկարը գնալով ավելի մռայլվում էր, իսկ ժայռերի վրա մակագրությունները բազմապատկվում էին։ Այնտեղ, ուր ժայռերը այնպես էին սեղմում Թերեքի հոսանքը, որ կամուրջի երկարությունը հավասարվում էր ընդամենը տասը սաժենի, կոնցեսիոներները կիրճի ժայռոտ պատերին այնքան մակագրություն տեսան, որ Օստապը, մոռանալով Դարյալի կիրճի վեհությունը, գոռաց, ջանալով հաղթահարել Թերեքի դղրդյունն ու հառաչանքները․
 +
 +
― Մե՛ծ մարդիկ։ Ուշադրություն դարձրեք, պարագլուխ։ Տեսնո՞ւմ եք։ Ամպերից մի քիչ վեր և արծվից փոքր֊ինչ ներքև։ Մակագրություն՝ «Կոլյա և Միկա, հուլիս 1914թ․»։ Անմոռա՜ց տեսարան։ Ուշադրություն դարձրեք գեղարվեստական կատարման վրա։ Յուրաքանչյուր տառը մի մետր մեծություն ունի և նկարված է յուղաներկով։ Որտե՞ղ եք հիմա, Կոլյա և Միկա։
 +
 +
― Կիսա, ― շարունակեց Օստապը, ― եկեք մենք էլ հավերժանանք։ Տրորենք Միկայի քիթը։ Ի դեպ՝ ես կավիճ էլ ունեմ։ Աստված է վկա, կմագլցեմ հիմա ու կգրեմ․ «Կիսան և Օսյան եղեկ են այստեղ»։
 +
 +
Եվ Օստապը, առանց երկար ու բարակ մտածելու, խճուղին Թերեքի փրփրուն խորխորատից անջատող պատվարի վրա դրեց ունեցած երշիկի պաշարը և սկսեց բարձրանալ ժայռը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը սկզբում հետևում էր մեծ կոմբինատորի բարձրանալուն, բայց հետո ցրվեց և շուռ գալով սկսեց դիտել ժայռի վրա պահպանված, ձիու ատամի նմանվող Թամարի ամրոցի հիմքը։
 +
 +
Այդ ժամանակ կոնցեսիոներներից մի երկու վերստ հեռավորության վրա Թիֆլիսի կողմից Դարյալի կիրճը մտավ տեր Ֆյոդորը։ Նա քայլում էր զինվորականի համաչափ քայլով, ալմաստե կարծր աչքերով նայելով առաջ և հենվելով կորագլուխ գավազանին։
 +
 +
Տեր Ֆյոդորը վերջին փողերով հասավ Թիֆլիս և հիմա ոտքով գնում էր ծննդավայրը, սնվելով կամավոր նվիրատվություններով։ Խաչի լեռնանցքը (ծովի մակերևույթից 2345 մետր բարձր) անցնելիս արծիվը կծեց նրան։ Տեր Ֆյոդորը գավազանը թափ տվեց հանդուգն թռչնի վրա և շարունակեց ճանապարհը։
 +
 +
Նա գնում էր ամպերի մեջ մոլորված և փնթփնթում․
 +
 +
― Ո՛չ ի սեր շահի, այլ միայն կամոքն ինձ ուղարկած կնոջն իմո։
 +
 +
Տարածությունը թշնամիների միջև գնալով կրճատվում էր։ Սուր ցցաքարի ետևից թեքվելով, տեր Ֆյոդորը դեմ ընկավ ոսկյա պենսնեով մի ծերուկի։
 +
 +
Կիրճը ճեղքվեց տեր Ֆյոդորի աչքերում։ Թերեքը դադարեցրեց իր հազարմյա ճիչը։
 +
 +
Տեր Ֆյոդորը ճանաչեց Վորոբյանինովին։ Բաթումում սարսափելի անհաջողություն կրելուց հետո, բոլոր հույսերը փլվելուց հետո, հարստություն ստանալու նոր հնարավորությունը արտասովոր կերպով ազդեց տեր Ֆյոդորի վրա։
 +
 +
Նա բռնեց Իպոլիտ Մատվեևիչի վտիտ ադամախնձորից և, մատները սեղմելով, խռպոտ ձայնով գոռաց․
 +
 +
― Ի՞նչ ես արել քո սպանած զոքանչի գանձը։
 +
 +
Նման ոչ մի բանի չսպասող Իպոլիտ Մատվեևիչը լուռ էր, աչքերն այնպես չռելով, որ նրանք գրեթե հպվում էին պենսնեի ապակիներին։
 +
 +
― Ասա՛, ― հրամայում էր տեր Ֆյոդորը։ ― Խոստովանի՛ր, մեղավոր։
 +
 +
Վորոբյանինովն զգաց, որ շունչը կտրվում է։
 +
 +
Այդ պահին արդեն իր հաղթանակը տոնող տեր Ֆյոդորը տեսավ ժայռի վրա ցատկոտող Բենդերին։ Տեխնիկական դիրեկտորը վայր էր իջնում՝ կոկորդով մեկ բղավելով․
 +
 +
<poem>
 +
Փշրվելով մռայլ ժայռերին
 +
Եռում, փրփրում են կոհակները․․․
 +
</poem>
 +
 +
Մեծ վախ պատեց տեր Ֆյոդորի սրտին։ Նա մեքենայորեն շարունակում էր բռնած պահել պարագլխի կոկորդը, բայց նրա ծնկները դողում էին։
 +
 +
― Ա՛խ, այ թե սա ո՜վ է, ― մտերմաբար գոչեց Օստապը։ ― Մրցակցող կազմակերպությո՜նը։
 +
 +
Տեր Ֆյոդորը չհապաղեց։ Ենթարկվելով բարերար բնազդին, նա չանթեց կոնցեսիոն երշիկն ու հացը և փախավ։
 +
 +
― Խփե՛ք դրան, ընկեր Բենդեր, ― բղավում էր գետնից շունչը տեղն եկած Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Հասի՛ր դրան, բռնի՛ր։
 +
 +
Օստապը սուլեց և քըս֊քըս արեց։
 +
 +
― Հյո՜ւ֊ու֊ու, ― բղավում էր նա, տեր Ֆյոդորի ետևից ընկած։ ― Ճակատամարտ բուրգերի մոտ, կամ Բենդերը որսի պահին։ Ո՞ւր եք փախչում, այ մուշտարի։ Կարող եմ ձեզ առաջարկել փորոտիքը լավ թափած մի աթոռ։
 +
 +
Տեր Ֆյոդորը չդիմացավ հետապնդման տառապանքներին և մագլցեց բոլորովին կախված ժայռի վրա։ Նրան սիրտն էր հրում վերև, որ բարձրացել էր մինչև կոկորդը, և առանձնահատուկ, միայն վախկոտներին քաջածանոթ կրուկների քորը։ Ոտքերն իրենք էին պոկվում գետնից և իրենց տիրոջը տանում վեր։
 +
 +
― Հյո՜ւ֊ու֊ու, ― բղավում էր Օստապը ներքևից։ ― Բռնի՛ր դրան։
 +
 +
― Նա տարավ մեր պաշարները, ― վայնասուն բարձրացրեց Իպոլիտ Մատվեևիչը, դեպի Օստապը վազելով։
 +
 +
― Կա՛ց, ― որոտաց Օստապը։ ― Կա՛ց, ասում եմ։
 +
 +
Բայց դա միայն նոր ուժ տվեց հենց այն է ուժասպառ տեր Ֆյոդորին։ Նա վեր սլացավ և մի քանի ցատկից հետո հայտնվեց ամենաբարձր մակագրությունից մի տասը սաժենով բարձր վայրում։
 +
 +
― Երշիկը տո՛ւր, ― կանչում էր Օստապը։ ― Երշիկը տո՛ւր, ախմախ։ Ես ամեն ինչ կներեմ։
 +
 +
Տեր Ֆյոդորն արդեն ոչինչ չէր լսում։ Նա հայտնվեց մի հարթ տարածության վրա, ուր մինչ այդ ոչ ոքի չէր հաջողվել մագլցել։ Թախծալի սարսափը պատեց տեր Ֆյոդորին։ Նա հասկացավ, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվի վայր իջնել։ Ժայռը ուղղահայաց իջնում էր խճուղու վրա և ետ իջնելու մասին չարժեր նույնիսկ մտածել։ Նա նայեց ներքև։ Այնտեղ փրփրում էր Օստապը, և կիրճի խորքում պսպղում էր պարագլխի ոսկյա պենսնեն։
 +
 +
― Ես կտա՛մ երշիկը, ― բղավեց տեր Ֆյոդորը։ ― Իջեցրեք ինձ։
 +
 +
Ի պատասխան որոտում էր Թերեքը և Թամարի ամրոցից կրքոտ ճիչեր էին լսվում։ Այնտեղ բուեր էին ապրում։
 +
 +
― Իջեցրե֊ե՜ք ինձ, ― աղերսագին բղավում էր տեր Ֆյոդորը։
 +
 +
Նա տեսնում էր կոնցեսիոներների բոլոր մանևվրները։ Նրանք վազվզվում էին ժայռի տակ և, շարժուձևերից դատելով, լպիրշորեն զազրախոսում էին։
 +
 +
Մի ժամ հետո փորին պառկած և գլուխը կախ գցած տեր Ֆյոդորը տեսավ, որ Բենդերն ու Վորոբյանինովը գնում են Խաչի լեռնանցքի ուղղությամբ։
 +
 +
Գիշերն արագ իջավ։ Զարհուրելի խավարի և դժոխային աղմուկի մեջ հենց ամպի տակ դողդողում և լաց էր լինում տեր Ֆյոդորը։ Նրան այլևս պետք չէին երկրային գանձերը։ Նա միայն մի բան էր ցանկանում՝ իջնել ներքև, գետին։
 +
 +
Գիշերը նա այնպես էր ոռնում, որ մերթ ընդ մերթ խլացնում էր Թերեքի ձայնը, իսկ առավոտյան սնվեց երշիկով ու հացով և սատանայի պես քրքջում էր ներքևում սլացող ավտոմոբիլների վրա։ Օրվա մնացորդն անցկացրեց լեռներն ու երկնային լուսատու արևը զննելով։ Իսկ հետևյալ գիշեր նա տեսավ Թամարա Թագուհուն։ Թագուհին իր ամրոցից թռավ եկավ մոտը և կոտրատվելով ասաց․
 +
 +
― Լինենք հարևաններ։
 +
 +
― Տիրուհի, ― զգացված ասաց տեր Ֆյոդորը։ ― Ոչ ի սեր շահի․․․
 +
 +
― Գիտեմ, գիտեմ, ― նկատեց թագուհին, ― այլ միայն կամոքն քեզ ուղարկած կնոջ։
 +
 +
― Բա դուք որտեղի՞ց գիտեք, ― զարմացավ տեր Ֆյոդորը։
 +
 +
― Գիտեմ, էլի։ Անցնեիք մեզ մոտ, հարևան։ Վաթսունվեց կխաղայինք։ Հը՞։
 +
 +
Թագուհին ծիծաղեց և թռավ֊գնաց, օձաձև հրթիռներ բաց թողնելով գիշերվա երկնքում։
 +
 +
Երրորդ օրը տեր Ֆյոդորն սկսեց քարոզ կարդալ թռչունների գլխին։ Չգիտես ինչու նա նրանց համոզում էր դառնալ լյութերական։
 +
 +
― Հավքե՛ր, ― ասում էր նա զրնգուն ձայնով, ― հրապարակավ խոստովանեցեք ձեր մեղքերը։
 +
 +
Չորրորդ օրը նրան արդեն ներքևից ցույց էին տալիս էքսկսուրսանտներին։
 +
 +
― Աջում Թամարի ամրոցն է, ― ասում էին փորձված ուղեկցողները, ― իսկ ձախում կանգնած է կենդանի մի մարդ, իսկ թե ինչով է ապրում և ինչպես է ընկել այնտեղ՝ հայտնի չէ։
 +
 +
― Համա թե վայրենի ժողովուրդ են հա՜, ― զարմանում էին էքսկուրսանտները։ ― Լեռների զավակնե՜ր։
 +
 +
Ամպերը լողում էին։ Տեր Ֆյոդորի գլխավերևում պտույտ էին գործում արծիվները։ Նրանցից ամենահամարձակը գողացավ երշիկի մնացորդը և թևի թափահարումով փրփրալից Թերեքի մեջ նետեց մեկուկես ֆունտ հացը։
 +
 +
Տեր Ֆյոդորը մատ թափ տվեց արծվի վրա, և ճաճանչափայլ ժպտալով, շշնջաց․
 +
 +
<poem>
 +
Թռչունն աստծո չի իմանում
 +
Հոգնություն ու հոգս անմար,
 +
Եվ խնամքով նա չի հյուսում
 +
Մշտական բույն իր համար։
 +
</poem>
 +
 +
Արծիվը խեթ֊խեթ նայեց տեր Ֆյոդորին, «ծուղրուղու» կանչեց ու թռավ։
 +
 +
― Ա՛խ, արծվիկ, արծվիկ, մե՛ծ անզգամն ես եղել։
 +
 +
Տասն օր անց Վլադիկավկազից հրշեջ խումբ եկավ հարկ եղած գումակով ու պիտույքներով և իջեցրեց տեր Ֆյոդորին։
 +
 +
Երբ նրան իջեցնում էին, նա ծափահարում էր և հաճելիությունից զուրկ ձայնով երգում․
 +
 +
<poem>
 +
Կլինես դու էս աշխարհի թագուհին,
 +
Հավերժական իմ ընկե՛ր։
 +
</poem>
 +
 +
Եվ խստաշունչ Կովկասը բազմաշառաչ կրկնեց Մ․ Յու․ Լերմոնտովի խոսքերը և Ա․ Ռուբինշտեյնի երաժշտությունը։
 +
 +
― Ոչ ի սեր շահի, ― ասաց տեր Ֆյոդորը հրշեջ խմբի պետին, այլ միայն․․․
 +
 +
Հռհռացող քահանային հրշեջ սանդուղքի վրա դրած տարան հոգեբուժական հիվանդանոց։
 +
 +
 +
==Երկրաշարժ==
 +
 +
― Ինչ եք կարծում, պարագլուխ, ― հարցրեց Օստապը, երբ կոնցեսիոներները մոտենում էին Սիոնի գյուղին, ― ի՞նչ կարելի է վաստակել երկու վերստ բարձրության վրա գտնվող այս թշվառ վայրում։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը լուռ էր։ Միակ զբաղմունքը, որով նա կարող էր ապրուստի միջոց հայթայթել, մուրացկանությունն էր։ Բայց այստեղ, լեռնային այս գալարապտույտների և քիվերի վրա, մարդ չկար ողորմություն խնդրելու։
 +
 +
Ասենք, այստեղ էլ գոյություն ուներ մուրացկանություն, բայց բոլորովին առանձնահատուկ՝ ալպիական մուրացկանություն․ գյուղի կողքով անցնող յուրաքանչյուր ավտոբուսի կամ մարդատար մեքենայի մոտ էին վազում երեխաներ և շարժվող հանդիսականների առջև նաուրյան լեզգինկայի մի քանի պարաքայլ կատարում։ Դրանից հետո երեխաները վազում էին մեքենայի ետևից ու բղավում․
 +
 +
― Փո՛ղ տուր։ Փո՛ղ տուր։
 +
 +
Ուղևորները հինգ կոպեկանոցներ էին շպրտում և բարձրանում Խաչի լեռնանցքը։
 +
 +
― Սրբազան գործ է, ― ասաց Օստապը, ― կապիտալ ծախսեր չի պահանջվում, եկամուտները մեծ չեն, բայց մեր վիճակում գտնվողների համար արժեքավոր են։
 +
 +
Ճամփորդության երկրորդ օրվա ժամը երկուսի մոտերքը Իպոլիտ Մատվեևիչը, մեծ կոմբինատորի հսկողությամբ, թռուցիկ ուղևորների առջև կատարեց իր առաջին պարը։ Այդ պարը նման էր մազուրկայի, բայց Կովկասի վայրի գեղեցկություններից հագեցած ուղևորները լեզգինկայի տեղ ընդունեցին և վարձատրեցին երեք հինգ կոպեկանոցով։ Հետևյալ մեքենայի առջև, որը Թիֆլիսից Վլադիկավկազ էր մեկնում, պարեց և ցատկոտեց ինքը՝ տեխնիկական դիրեկտորը։
 +
 +
― Փո՛ղ տուր, փո՛ղ տուր, ― բղավում էր նա բարկացած։
 +
 +
Ծիծաղող ուղևորները առատորեն վարձատրեցին նրա ցատկոտումները։ Օստապը ճանապարհի փոշու միջից հավաքեց երեսուն կոպեկ։ Բայց այդ պահին սիոնցի երեխաները քարե կարկուտ տեղացին մրցակիցների գլխին։ Քարկոծումից փրկվելով, ճամփորդները արագ քայլերով ուղևորվեցին մոտակա աուլը, որտեղ վաստակած դրամը ծախսեցին պանրի ու հացի վրա։
 +
 +
Կոնցեսիոներները այդ զբաղմունքով էին անցկացնում իրենց օրերը։ Գիշերում էին լեռնային հյուղերում։ Չորրորդ օրը խճուղու կեռմաններով նրանք իջան Կայշաուրի հովիտը։ Այստեղ շոգ արև էր, և կոնցեսիոներների Խաչի լեռնանցքում կարգին սառած ոսկորները ձեռաց տաքացան։
 +
 +
Դարյալի ժայռերը, լեռնանցքի խավարն ու ցուրտը փոխարինվեցին կանաչով և խորանիստ հովտի տնականությամբ։ Ճամփորդները գնում էին Արագվայի վրայով, իջնում մարդկանցով բնակեցված, տնային անասուններով և ուտելեղենով առատ հովիտը։ Այստեղ կարելի էր խնդրելով մի բան ձեռք բերել, մի բան վաստակել կամ պարզապես գողանալ։ Ադրկովկասն էր դա։
 +
 +
Ուրախացած կոնցեսիոներներն ավելի արագ քայլեցին։
 +
 +
Պասանաուրիում, երկու հյուրանոց և մի քանի դուքան ունեցող շոգ ու հարուստ մի գյուղում, բարեկամները խնդրելով հաց ճարեցին և պարտեզով ու շղթայակապ երկու արջի քոթոթներով «Ֆրանսիա» հյուրանոցի դիմաց պառկեցին թփուտների մեջ։ Նրանք մեծ հաճույք էին ստանում տաքությունից, համով հացից և վաստակած հանգստից։
 +
 +
Սակայն հանգիստը շուտով խափանվեց ավտոմոբիլային շչակների ճղավոցից, նոր ավտոդողերի խշշոցից և խնդագին բացականչություններից։ Բարեկամները դուրս նայեցին։ «Ֆրանսիային» շարքով մոտեցան երեք միատեսակ նոր ավտոմեքենաներ։ Ավտոները անաղմուկ կանգ առան։ Առաջին մեքենայից դուրս ցատկեց Պերսիցկին։ Նրա ետևից դուրս եկավ «Դատարնն ու կենցաղը», փոշոտ մազերը հարդարելով։ Ապա մյուս մեքենաներից դուրս թափվեցին «Հաստոց» թերթի ավտոմոբիլային ակումբի անդամները։
 +
 +
― Դադա՛ր, ― բղավեց Պերսիցկին։ ― Խազեի՛ն։ Տասնհինգ խորոված։
 +
 +
«Ֆրանսիա» հյուրանոցը ելումուտ էին անում քնատ մարդիկ, և լսվում էր ոչխարի մայուն, որին ոտքերից բռնած քարշ էին տալիս խոհանոց։
 +
 +
― Դուք չե՞ք ճանաչում այդ երիտասարդին, ― հարցրեց Օստապը։ ― Դա «Սկրյաբինի» ռեպորտյորն էր, մեր տրանսպարանտի քննադատներից մեկը։ Բայց տես թե ինչ շուքով են եկել։ Ի՞նչ է նշանակում սա։
 +
 +
Օստապը մոտեցավ խորոված խժռողներին և շատ քաղաքավարի գլուխ տվեց Պերսիցկուն։
 +
 +
― Բոնժո՛ւր, ― ասաց ռեպորտյորը։ ― Որտե՞ղ եմ ձեզ տեսել, սիրելի ընկեր։ ― Ա֊ա՜֊ա։ Մտաբերում եմ։ «Սկրյաբինի» նկարիչը։ Այնպես չէ՞։
 +
 +
Օստապը ձեռքը սեղմեց կրծքին և խոնարհ գլուխ տվեց։
 +
 +
― Թույլ տվեք, թույլ տվեք, ― շարունակեց Պերսիցկին, որը ռեպորտյորի կառչուն հիշողություն ուներ։ ― Այդ ձեր վրա չէ՞ր պրծել արդյոք կառապանի ձին Մոսկվայում, Սվերդլովի հրապարակում։
 +
 +
― Ինչպես չէ, ինչպես չէ։ Եվ դեռ ձեր դիպուկ արտահայտությամբ ես իբր պրծել էի մի թեթև վախով։
 +
 +
― Իսկ դուք ինչ է, գեղարվեստական գծո՞վ եք աշխատում այստեղ։
 +
 +
― Ոչ, էքսուկսիոն նպատակներով։
 +
 +
― Ոտքո՞վ։
 +
 +
― Ոտքով։ Մասնագետները պնդում են, թե ավտոմոբիլով Ռազմա֊Վիրական ճանապարհով ճամփորդելը պարզապես հիմարություն է։
 +
 +
― Ոչ միշտ է հիմարություն, սիրելիս, ոչ միշտ։ Այ մենք, օրինակ, այնքան էլ հիամարաբար չենք ճամփորդում։ Մեքենաներն, ինչպես տեսնում եք, մերն են, ընգծում եմ՝ մերն են, կոլեկտիվինը։ Ուղիղ հաղորդակցություն՝ Մոսկվա֊Թիֆլիս։ Մի գրոշի բենզին է գնում։ Տեղափոխման հարմարություն և արագություն։ Փափուկ զսպանակներ։ Եվրո՛պա։
 +
 +
― Որտեղի՞ց ձեզ այդ ամենը, ― նախանձով հարցրեց Օստապը։ ― Հարյուրհազար ե՞ք շահել։
 +
 +
― Հարյուր չէ, բայց հիսուն շահել ենք։
 +
 +
― Դեվյատկա խաղալո՞վ։
 +
 +
― Ավտոմոբիլային ակումբին պատկանող պարտատոմսով։
 +
 +
― Հա՜, ― ասաց Օստապը, ― և այդ փողով ավտոմոբիլնե՞ր եք գնել։
 +
 +
― Ինչպես տեսնում եք;
 +
 +
― Այդպես։ Միգուցե ձեզ ավա՞գ է պետք։ Ես մի ջահել մարդու գիտեմ։ Խմող չէ։
 +
 +
― Ի՞նչ ավագ։
 +
 +
― Էն էլի․․․ Ընդհանուր ղեկավարություն, գործնական խորհուրդներ, դիտողական ուսուցում կոմպլեքսային մեթոդով․․․ Հը՞։
 +
 +
― Ես ձեզ հասկանում եմ։ Ոչ, պետք չէ։
 +
 +
― Պետք չէ՞։
 +
 +
― Ոչ։ Ցավոք սրտի։ Նկարիչ էլ պետք չէ։
 +
 +
― Այդ դեպքում տվեք տասը ռուբլի։
 +
 +
― Ավդոտին, ― ասաց Պերսիցկին։ ― Բարի եղիր, իմ հաշվին այս քաղաքացուն երեք ռուբլի տուր։ Ստորագրություն պետք չէ։ Դա հաշվետու անձ չէ։
 +
 +
 +
― Շատ քիչ է, ― նկատեց Օստապը, ― բայց ես ընդունում եմ։ Ես հասկանում եմ ձեր դրության ողջ դժվարությունը։ Իհարկե, եթե դուք հարյուր հազար շահած լինեիք, հավանորեն հինգ ռուբլի կտայիք ինձ։ Բայց չէ՞ որ դուք շահել եք ընդամենը հիսուն հազար ռուբլի զրո֊զրո կոպեկ։ Համենայն դեպս շնորհակալություն։
 +
 +
Բենդերը քաղաքավարությամբ գլխարկը հանեց։ Պերսիցկին քաղաքավարությամբ գլխարկը հանեց։ Բենդերը սիրալիր գլուխ տվեց։ Պերսիցկին պատասխանեց սիրալիր գլուխ տալով։ Բենդերը ողջունելով ձեռքը թափահարեց։ Պերսիցկին, ղեկի մոտ նստելով, ձեռքով արեց։ Բայց Պերսիցկին հիանալի մեքենայով մեկնեց շողշողուն հեռուները, ուրախ ընկերներով շրջապատված, իսկ մեծ կոմբինատորը հիմար ընկերոջ հետ մնաց փոշոտ ճանապարհին։
 +
 +
― Տեսա՞ք ինչ շուք էր, ― հարցրեց Օստապը Իպոլիտ Մատվեևիչից։
 +
 +
― Զակավտոպրոմտո՞րգ է, թե՝ մասնավոր «Մոտոր» ընկերություն, ― բանիմացորեն հարցրեց Վորոբյանինովը, որը ճամփորդության մի քանի օրվա ընթացքում հիանալի ծանոթացել էր ճանապարհի ամեն տեսակ ավտոտրանսպորտի հետ։ ― Ես ուզում էի մոտենալ նրանց և պարել։
 +
 +
― Դուք շուտով բոլորովին կբթանաք, իմ խեղճ բարեկամ։ Ի՞նչ Զակավտոպրոմտորգ է դա։ Այդ մարդիկ, լսում եք, Կիսա, շա֊հել են հիսուն հազար ռուբլի։ Ինքներդ տեսնում եք, Կիսյուլա, ինչպես ուրախ են նրանք և որչափ ամեն տեսակ մեխանիկական զիբիլ են գնել։ Երբ մենք մեր փողն ստանանք, շատ ավելի ռացիոնալ կծախսենք։ Այնպես չէ՞։
 +
 +
Եվ բարեկամները, երազելով, թե ինչեր են գնելու երբ հարստանան, դուրս եկան Պասանաուրիից։ Իպոլիտ Մատվեևիչը կենդանի պատկերացրեց իրեն նոր գուլպաների գնումը և արտասահման մեկնելը։ Օստապի երազանքները շատ ավելի ընդարձակ էին։ Նրա նախագծերը հոյակապ էին․ ոչ այն է երկնագույն Նեղոսը ամբարտակով պատնեշելը, ոչ այն է Ռիգայում խաղատուն բացելը՝ բաժանմունքներ ունենալով բոլոր լիմիտրոֆներում։
 +
 +
Երրորդ օրը ճաշից առաջ, տխուր ու փոշոտ վայրերը՝ Անանուրը, Դուշեթը և Ցիլկանին անցնելուց հետո, ուղևորները մոտեցան Մցխետին՝ Վրաստանի հինավուրց մայրաքաղաքին։ Այստեղ Քուռը թեքվում էր Թիֆլիսի կողմը։
 +
 +
Երեկոյան ճամփորդները անցան ԶԱԳԷՍ֊ը ― Զեմո֊Ավճալյան հիդրոէլեկտրոկայանը։ Ապակին, ջուրը և էլեկտրականությունը շողշողում էին գույնզգույն կրակներով։ Այդ ամենը արտացոլվում և թրթռում էր արագահոս Քուռի մեջ։
 +
 +
Այստեղ կոնցեսիոներները բարեկամություն հաստատեցին մի գյուղացու հետ, որը նրանց սայլով երեկոյան ժամը տասնմեկի մոտերքը հասցրեց Թիֆլիս, հենց այն ժամին, երբ երեկոյան զովը փողոց է կանչում վրացական մայրաքաղաքի ցերեկվա շոգից հալումաշ եղած բնակիչներին։
 +
 +
― Վատ քաղաք չէ, ― ասաց Օստապը, դուրս գալով Շոթա Ռուսթավելու պողոտան, ― գիտեք ինչ, Կիսա․․․
 +
 +
Հանկարծ Օստապը խոսքը կիսատ թողած, նետվեց ինչ֊որ քաղաքացու ետևից, տասը քայլ անելուց հետո հասավ նրան և սկսեց աշխուժորեն զրուցել նրա հետ։
 +
 +
Հետո արագ վերադարձավ և մատով բզեց Իպոլիտ Մատվեևիչի կողը։
 +
 +
― Գիտե՞ք ով էր դա, ― շշնջաց նա արագ֊արագ։ ― «Օդեսյան բուբլիկների ― Մոսկովյան բարանկա արտելը», քաղաքացի Կիսլյարսկին։ Գնանք նրա մոտ։ Այժմ դուք կրկին, որքան էլ դա պարադոքսալ լինի, մտքի գիգանտ եք և ռուսական դեմոկրատիայի հայրը։ Չմոռանաք այտերդ ուռցնել և բեղերդ շարժել։ Ի դեպ, նրանք արդեն կարգին աճել են։ Ա՛հ, գրողը տանի։ Ի՜նչ դեպք է։ Բա՛խտ։ Եթե ես հիմա նրանից մի հինգ հարյուր ռուբլի չպոկեմ, թքեք իմ երեսին։ Գնա՛նք, գնա՛նք։
 +
 +
Կիսլյարսկին, որ Կովկաս էր եկել Ստարգորոդի ցնցումներից հանգստանալու համար, բոլորովին ընկճված էր։ Քթի տակ ինչ֊որ անհեթեթություններ մրմռալով բարանկաբուբլիկային գործի կանգառումի մասին, Կիսլյարսկին սարսափելի ծանոթներին նստեցրեց արծաթազօծ ճաղեր և ոտնդիր ունեցող կառքի մեջ և տարավ Դավիթի սարը։ Ռեստորանային այդ լեռան գագաթը բարձրացան ճոպանե երկաթուղով։ Թիֆլիսն իր հազարավոր լույսերով դանդաղորեն իջում էր խոր անդունդը։ Դավադիրները ուղիղ դեպի աստղերն էին բարձրանում։
 +
 +
Ռեստորանի սեղանները դասավորված էին հենց խոտերի վրա։ Խուլ դմբդմբում էր կովկասյան նվագախումբը, և փոքրիկ մի աչիկ, ծնողների հայացքների տակ, սեփական նախաձեռնությամբ լեզգինկա էր պարում սեղանների արանքում։
 +
 +
― Հրամայեցեք որևէ բան բերել, ― գլխի գցեց Բենդերը։
 +
 +
Փորձված Կիսլյարսկու հրամանով մատուցեցին գինի, կանաչի և վրացական աղի պանիր։
 +
 +
― Եվ ուտելու որևէ բան, ― ասաց Օստապը։ ― Եթե դուք իմանայիք, թանկագին պարոն Կիսլյարսկի, թե ինչե՜ր ենք քաշել Իպոլիտ Մատվեևիչի հետ, կզարմանայիք մեր արիության վրա։
 +
 +
«Դարձյալ, ― հուսահատ մտածում էր Կիսլյարսկին։ ― Դարձյալ սկսվում են իմ չարչարանքները։ Եվ ինչո՞ւ չգնացի Ղրիմ։ Հենրիետտան էլ էր խորհուրդ տալիս»։
 +
 +
Բայց նա անտրտունջ երկու խորոված պատվիրեց և դեպի Օստապը դարձրեց իր հաճոյակատար դեմքը։
 +
 +
― Այսպես ուրեմն, ― ասաց Օստապը, շուրջը նայելով և ձայնը ցածրացնելով, ― երկու խոսքով։ Երկու ամիս է ինչ մեզ հետևում են և, հավանորեն, վաղը մեր կոնսպիրատիվ բնակարանում դարան է սպասելու մեզ։ Ստիպված ենք պաշտպանվելու հրաձգությամբ։
 +
 +
Կիսլյարսկու այտերը արծաթազօծվեցին։
 +
 +
― Մենք ուրախ ենք, ― շարունակեց Օստապը, ― այս տագնապալից իրադրության պահին հանդիպելու հայրենիքին նվիրված մարտիկին։
 +
 +
― Հըմ․․․ այո, ― ատամների արանքից հպարտ ասաց Իպոլիտ Մատվեևիչը, հիշելով, թե ինչ սոված ոգևորությամբ նա լեզգինկա էր պարում Սիոնիից ոչ հեռու։
 +
 +
― Այո, ― շշնջաց Օստապը։ ― Մենք հույս ունենք ձեր օգնությամբ ջարդելու թշնամուն։ Ես ձեզ պարաբելում կտամ։
 +
 +
― Պետք չէ, ― հաստատ ասաց Կիսլյարսկին։
 +
 +
Հետևյալ րոպեին պարզվեց, որ բորսային կոմիտեի նախագահը հնարավորություն չունի մասնակցելու վաղվա ճակատամարտին։ Նա շատ է ցավում, բայց չի կարող։ Նա ծանոթ չէ զինվորական գործին։ Հենց դրա համար էլ նրան ընտրեցին բորսային կոմիտեի նախագահ։ Նա կատարյալ հուսահատության մեջ է, բայց ռուսական դեմոկրատիայի հոր կյանքը փրկելու համար (նա ինքն էլ հին օկտյաբրիստ է) պատրաստ է ցույց տալու հնարավոր ֆինանսական օգնություն։
 +
 +
― Դուք հայրենիքի հավատարիմ բարեկամն եք, ― հանդիսավոր կերպով ասաց Օստապը, հոտավետ խորովածի վրայից քաղցր կիպիանի խմելով։ ― Հինգ հարյուր ռուբլին կարող է փրկել մտքի գիգանտին։
 +
 +
― Ասացեք, ― աղերսագին հարցրեց Կիսլյարսկին, իսկ երկու հարյուրը չի՞ փրկի մտքի գիգանտին։
 +
 +
Օստապը չդիմացավ և սեղանի տակ խանդավառությամբ ոտքով խփեց Իպոլիտ Մատվեևիչին։
 +
 +
― Ես կարծում եմ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, ― որ այս դեպքում սակարկությունը տեղին չէ։
 +
 +
Նա անմիջապես մի քացի ստացավ ազդրին, որ նշանակում էր․
 +
 +
«Բրա՛վո, Կիսա, բրավո, ահա թե ինչ է նշանակում շկոլա»։
 +
 +
Կիսլյարսկին առաջին անգամ լսեց  մտքի գիգանտի ձայնը։ Նա այնպես զարմացավ այդ հանգամանքի վրա, որ անմիջապես հինգ հարյուր ռուբլի հանձնեց Օստապին։ Ապա վճարեց հաշիվը և, սեղանի շուրջը թողնելով բարեկամներին, հեռացավ գլխացավը պատճառ բռնելով։ Կես ժամ անց նա Ստարգորոդ կնոջը հեռագիր ուղարկեց․
 +
 +
<b>Քո խորհրդով մեկնում եմ Ղրիմ համենայն դեպս պատրաստիր զամբյուղը</b>
 +
 +
Օստապ Բենդերի ապրած երկար օրերի զրկանքները անհապաղ փոխհատուցում էին պահանջում։ Ուստի հենց նույն երեկոյան մեծ կոմբինատորը ռեստորանային լեռան վրա փայտացման աստիճանի խմեց և հյուրանոց գնալիս քիչ մնաց դուրս ընկեր վագոնից։ Հետևյալ օրը նա ի կատար ածեց վաղուցվա իր երազանքը։ Գնեց հիանալի պուտավոր մոխրագույն կոստյում։ Այդ կոստյումով շոգ էր, բայց և այնպես նա ման էր գալիս նրանով՝ քափուքրտինքի մեջ կորած։ Թիֆկոոպի պատրաստի հագուստների խանութում Վորոբյանինովի համար գնեցին սպիտակ պիկեի կոստյում և անհայտ յախտ֊ակումբի ոսկե դրոշմով ծովայինի ֆուրաժկա։ Այդ հանդերձանքով Իպոլիտ Մատվեևիչը նմանվում էր առևտրական նավի սիրող֊ծովակալի։ Նրա իրանը ձգվել էր, քայլվածքը դարձել հաստատուն։
 +
 +
― Ա՛խ, ― ասում էր Բենդերը, ― բարձր դաս։ Եթե ես կին լինեի, ձեզ նման գեղեցիկ տղամարդուն ութ տոկոս զեղջ կանեի սովորական գնից։ Ա՛խ, ա՛խ։ Այս տեսքով մենք կարող ենք շփվել։ Դուք կարո՞ղ եք շփվել, Կիսա։
 +
 +
― Ընկեր Բենդեր, ― կրկնում էր Վորոբյանինովը, ― բա ո՞նց է լինելու աթոռի բանը։ Պետք է իմանալ թատրոնի մասին։
 +
 +
― Խո՛֊խո՛, ― առարկեց Օստապը, աթոռի հետ պարելով «Օրիանտ» հյուրանոցի մավրիտանական մեծ համարում։ ― Մի սովորեցրեք ինձ ապրել։ Ես հիմա չար եմ։ Հիմա ես փող ունեմ։ Բայց ես մեծահոգի եմ։ Տալիս եմ ձեզ քսան ռուբլի և երեք օր քաղաքը կողոպտելու։ Ես Սուվորովի պես եմ․․․ Թալանեցե՛ք քաղաքը, Կիսա։ Քե՛ֆ քաշեք։
 +
 +
Եվ Օստապը ազդրերը թափահարելով, արագ տեմպով երգեց․
 +
 +
<poem>
 +
Իրիկվա զանգ, իրիկվա զանգ,
 +
Որքան խոհեր է ծնում նա։
 +
</poem>
 +
 +
Բարեկամները մի ամբողջ շաբաթ օր ու գիշեր հարբեցողությամբ էին զբաղված։ Վորոբյանինովի ծովակալի կոստյումը գինու գունզգույն բծերով ծածկվեց, իսկ Օստապի կոստյումի վրա մի մեծ ծիածանագույն լաքա էր գոյացել։
 +
 +
― Բարև՛ ձեզ, ― ասաց ութերորդ առավոտյան Օստապը, որի խելքին փչեց խումար վիճակում կարդալ «Զարյա Վոստոկա»։ ― Լսեք դո՛ւք, հարբեցողի մեկը, թե ինչ են գրում թերթում խելացի մարդիկ։ Լսե՛ք։
 +
 +
:::::::::::::::Թատերական խրոնիկա
 +
 +
Երեկ, սեպտեմբերի 3֊ին, Թիֆլիսում գաստրոլները վերջացնելուց հետո, գաստրոլով Յալթա մեկնեց Մոսկովյան Կոլումբ թատրոնը։ Թատրոնը մտադիր է Ղրիմում մնալ մինչև Մոսկվայում ձմեռվա սեզոնի սկսվելը։
 +
 +
― Ըհը՛։ Ես ձեզ սսո՞ւմ էի, ― վրա բերեց Վորոբյանինովը։
 +
 +
― Ի՞նչ էիք ասում, ― չարացավ Օստապը։
 +
 +
Սակայն նա շփոթված էր։ Նրա համար շատ տհաճ բան էր այդ անփութությունը։ Գանձերի ետևից ընկնելու կուրսը Թիֆլիսում վերջացնելու փոխարեն, այժմ ստիպված էին մեկնել Ղրիմի թերակղզին։ Օստապն իսկույն անցավ գործի։ Գնվեց Բաթումի տոմս և պատվիրեցին տեղեր «Պեստել» շոգենավի երկրորդ կարգի նավասենյակում, որը Բաթումից Ֆեոդոսիա էր մեկնելու սեպտեմբերի 7֊ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23֊ին։
 +
 +
Սեպտեմբերի լույս տասնմեկի գիշերը, երբ «Պեստելը» փոթորկի պատճառով Անապա չմտնելով թեքվեց բաց ծովը և կուրս վերցրեց ուղիղ դեպի Յալթա, Իպոլիտ Մատվեևիչը երազ տեսավ։
 +
 +
Նա տեսավ, որ ինքը ծովակալի կոստյումով կանգնել է Ստարգորոդյան իր տան պատշգամբում և գիտե, որ ներքևում կանգնած ամբոխն իրենից ինչ֊որ բան է սպասում։ Վերամբարձ մեծ կռունկը նրա ոտքերի առջև իջեցրեց սև պտերով մի խոզ։
 +
 +
Եկավ դռնապան Տիխոնը պիջակի կոստյումը հագին և, խոզի ետևի ոտքերից բռնելով ասաց․
 +
 +
― Է՛խ, նրա հերն էլ անիծած, բա մի՞թե «Հավերժահարսը» ծոպ է տալիս։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչի ձեռքին դաշույն հայտնվեց։ Դրանով նա հարվածեց խոզի կողին և նրա մեծ ու լայն վերքից ցեմենտի վրա թափվեցին և թռչկոտեցին ադամանդները։ Նրանք թռչկոտում և գնալով ավելի բարձրաձայն էին չխկչխկում։ Ի վերջո նրանց չխկչխկոցը անտանելի ու ահավոր դարձավ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը զարթնեց իլյումինատորին ալիքի տված հարվածից։
 +
 +
Յալթային մոտեցան հանդարտ եղանակին, ուժասպառ անող արևոտ մի առավոտ։ Ծովային հիվանդությունից կազդուրված պարագլուխը հպարտ կանգնել էր նավախելին, սլավոնական ձուլածո հյուսագրով զարդարված զանգի մոտ։ Ուրախ Յալթյան ափի երկարությամբ շարք էր կանգնեցրել իր պստլիկ խանութները և լողացող ռեստորանները։ Նավահանգստում կանգնած էին քաթանե կտրովի տենտի տակ թավշյա նստելատեղերով կառքեր, «Ղրիմկուրսո»֊ի, «Ղրիմի շոֆեր» ընկերության ավտոմեքենաներն ու ավտոբուսները։ Աղյուսագույն աղջիկները պտտացնում էին բաց արած հովանոցները և թափահարում թաշկինակները։
 +
 +
Բարեկամները առաջինը իջան շիկացած ափը։ Կոնցեսիոներների երևալուն պես դիմավորողների և հետաքրքրվողների բազմությունից դուրս եկավ չեսուչե կոստյումով մի քաղաքացի և քայլերն արագ ուղղեց դեպի նավահանգստի տերիտորիայից դուրս գալու ելքը։ Բայց արդեն ուշ էր։ Մեծ կոմբինատորի որսկանի հայացքը արագ ճանաչեց չեսուչե քաղաքացուն։
 +
 +
― Սպասեցե՛ք, Վորոբյանինով, ― բղավեց Օստապը։
 +
 +
Եվ նա այնպես արագ նետվեց առաջ, որ ելքից մի տասը քայլ չանցած հասավ տղամարդուն։ Օստապը վայրկենապես վերադարձավ հարյուր ռուբլով։
 +
 +
― Ավելին չտվեց։ Ասենք, ես էլ չպնդեցի, թե չէ տուն վերադառնալու փող չի ունենա։
 +
 +
Եվ իրոք, Կիսլյարսկին հենց նույն ժամին ավտոմոբիլով ճղեց Ստավրոպոլ, իսկ այնտեղից երրորդ կարգի վագոնով ― տուն՝ Ստարգորոդ։
 +
 +
Կոնցեսիոներները ամբողջ օրն անցկացրին հյուրանոցում, հատակին մերկ նստած և ամեն րոպե վաննասենյակ դուշի տակ վազելով։ Բայց ջուրը տաք էր, ինչպես անպետք թեյ։ Շոգից փրկություն չկար։ Թվում էր, թե Յալթան հիմա ուր որ է կհալչի ու կհոսի ծովը։
 +
 +
Երեկոյան ժամը ութի մոտերքը, նզովելով աշխարհի բոլոր աթոռները, ընկերակիցները տաք կոշիկները քաշեցին ոտքերն ու գնացին թատրոն։
 +
 +
Խաղում էին «Ամուսնությունը»։ Շոգից տանջված Ստեփանը, ձեռքերի վրա կանգնած, քիչ էր մնում վայր ընկներ։ Ագաֆյա Տիխոնովնան վազում էր լարի վրայով, թաց ձեռքերով բռնած «Ես ուզում եմ Պոդկոլյոսինին» մակագրությամբ հովանոցը։ Այդ րոպեին, ինչպես և ամբողջ օրը, նա միայն մի բան էր ուզում։ Ուստի, և կամ գուցե հենց դրա համար, որ տաք ձվածեղ խժռող Ստեփանի դեմքը զզվանք առաջացրեց, ներկայացումը դուր չեկավ։
 +
 +
Կոնցեսիոներները գոհ էին, որովհետև իրենց աթոռը, երեք նոր ռոկոկո շքեղ բազկաթոռների հետ միասին, իր տեղումն էր։
 +
 +
Օթյակներից մեկում թաքնվելով, բարեկամներն համբերությամբ սպասեցին անասելի ձգձգված ներկայացման վերջին։ Հասարակությունը, վերջապես, ցրվեց և դերասանները դուրս վազեցին զովանալու։ Թատրոնում ոչ ոք չմնաց, բացի կոնցեսիոն ձեռնարկության փայատերերից։ Բոլորը դուրս վազեցին փողոց, վերջիվերջո տեղացող թարմ անձրևի տակ։
 +
 +
― Իմ ետևի՛ց, Կիսա, ― հրամայեց Օստապը։ ― Մի բան լինելու դեպքում՝ մենք թատրոնի ելքը կորցրած գավառացիներ ենք։
 +
 +
Նրանք բարձրացան բեմ և, լուցկի վառելով, բայց և այնպես հիդրավլիկ մամուլին կպչելով, հետազոտեցին ամբողջ բեմը։
 +
 +
Մեծ կոմբինատորը վազեց սանդուղքն ի վեր՝ բուտաֆորիանոց։
 +
 +
― Եկեք այստեղ, ― բղավեց նա։
 +
 +
Վորոբյանինովը ձեռքերը թափահարելով, վերև սլացավ։
 +
 +
― Տեսնո՞ւմ եք, ― ասաց Օստապը լուցկին վառելով։
 +
 +
Մշուշի միջից երևացին Հաբս֊ի աթոռի մի անկյունը և մի պատառ հովանոց «ուզոում եմ․․․» մակագրությամբ։
 +
 +
― Ահա՛։ Ահա մեր ապագան, ներկան և անցյալը։ Լուցկի վառեցեք, Կիսա։ Ես կհերձեմ սրան։
 +
 +
Եվ Օստապը ձեռքը կոխեց գրպանը գործիքներ հանելու։
 +
 +
― Դե՛հ, ― ասաց նա, ձեռքը պարզելով դեպի աթոռը, ― մի լուցկի էլ, պարագլուխ։
 +
 +
Լուցկին բռնկվեց, և տարօրինակ բան, աթոռն ինքն իրեն ցատկեց մի կողմ և հանկարծ, ապշած կոնցեսիոներների աչքի առջև, գետնի տակն անցավ։
 +
 +
― Մամա՜, ― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը, դեպի պատը թռչելով, թեև ոչ մի ցանկություն չուներ այդ անելու։
 +
 +
Զրնգոցով տեղահան եղան ապակիները, և «Ես ուզում եմ Պոդկոլյոսինին» մակագրությամբ հովանոցը, հողմի բերան ընկած, դուրս թռավ պատուհանից դեպի ծովը։ Օստապը պառկել էր հատակին, ֆաներե վահաններով փոքր֊ինչ ճզմված։
 +
 +
Ժամը տասներկուսնանց էր տասնչորս րոպե։ Դա 1927 թվականի  Ղրիմի մեծ երկրաշարժի առաջին հարվածն էր։
 +
 +
Ամբողջ թերակզուն անթիվ ու անհամար աղետներ պատճառած ինը բալանոց հարվածը խլեց գանձը կոնցեսիոներների ձեռքից։
 +
 +
― Ընկե՛ր Բենդեր։ Ի՞նչ բան է սա, ― սարսափած բղավում էր Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Օստապն ինքն իրեն կորցրել էր․ երկրաշարժը կանգնել էր նրա ճանապարհին։ Նրա հարուստ պրակտիկայում դա միակ դեպքն էր։
 +
 +
― Ի՞նչ բան է սա, ― վայնասուն էր բարձրացրել Վորոբյանինովը։
 +
 +
Փողոցից լսվում էին ձայներ, աղաղակ դոփդոփյուն։
 +
 +
― Սա նա է, որ մենք պետք է անմիջապես ճղենք փողոց, քանի պատը չի փլվել գլխներիս։ Շո՛ւտ, շո՛ւտ։ Տվե՛ք ձեր ձեռքը, շլյա՛պա։
 +
 +
Եվ նրանք նետվեցին դեպի ելքը։ Ի զարմանս նրանց, բեմից նրբանցք տանող դռան մոտ մեջքի վրա ողջ ու անվնաս ընկած էր հաբսյան աթոռը։ Իպոլիտ Մատվեևիչը շան պես կաղկանձելով մահացու ըռխումով կառչեց նրանից։
 +
 +
― Տափակբերա՛նը տվեք, ― բղավեց նա Օստապին։
 +
 +
― Քոսոտ ապուշի մեկը, ― հեծեց Օստապը։ ― Առաստաղը հիմա կփլչի, իսկ սա այստեղ ցնդել է։ Շո՛ւտ դեպի փողոց։
 +
 +
― Տափակբերա՜նը, ― գոռում էր խելացնոր Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Ձեր հերն էլ անիծած։ Կորչեցեք այստեղ ձեր աթոռով։ Իսկ կյանքը թանկ է ինձ համար իբրև հիշատակ։
 +
 +
Այդ խոսքերով Օստապը նետվեց դեպի դուռը։ Իպոլիտ Մատվեևիչը փնթփնթաց և, աթոռը գրկած, վազեց Օստապի ետևից։
 +
 +
Հենց որ նրանք հայտնվեցին նրբանցքի մեջտեղը, գետինն ասես երերաց ոտքերի տակ, կղմինդր թափվեց թատրոնի կտուրից, իսկ կոնցեսիոներների հենց նոր լքած տեղում ընկած էին հիդրավլիկ մամուլի մնացորդները։
 +
 +
― Դե, հիմա տվեք աթոռը, ― սառնարյուն ասաց Բենդերը։ ― Ինչպես տեսնում եմ, ձանձրացաք այն բռնելուց։
 +
 +
― Չեմ տա, ― ծվծվաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Սա ի՞նչ բան է։ Ապստամբությո՞ւն նավի վրա։ Տվեք աթոռը։ Լսո՞ւմ եք։
 +
 +
― Սա ի՛մ աթոռն է, ― ծղրտաց Վորոբյանինովը, ձայնակոխ անելով ամեն կողմից լսվող հառաչանքը, լացը և ճարճատյունը։
 +
 +
― Այդ դեպքում ստացեք հոնորարը, քավթառ քուսի։
 +
 +
Եվ Օստապը պղնձե ձեռքով մի լավ հասցրեց Վորոբյանինովի վզակոթին։
 +
 +
Հենց այդ պահին նրբանցքով սլացավ հրշեջ գումակը ջահերով, և նրանց թրթռուն լույսերի տակ Իպոլիտ Մատվեևիչը Բենդերի դեմքի վրա այնպիսի ահավոր մի արտահայտություն կարդաց, որ վայրկենապես հնազանդվեց ու տվեց աթոռը։
 +
 +
― Դե, հիմա լավ է, ― ասաց Օստապը շունչ քաշելով, ― ապստամբությունը ճնշված է։ Իսկ հիմա վերցրեք աթոռը և բերեք իմ ետևից։ Դուք պատասխանատու եք իրի անվտանգության համար։ Եթե նույնիսկ հիսուն բալի հարված լինի, աթոռը պետք է պահպանվի։ Հասկացա՞ք։
 +
 +
― Հասկացա։
 +
 +
Ողջ գիշերը կոնցեսիոներները թափառում էին խուճապահար ամբոխի հետ, մյուսների պես սիրտ չանելով մտնել լքած տները և սպասելով նոր հարվածների։
 +
 +
Լուսաբացին, երբ երկյուղը փոքր֊ինչ պակասեց, Օստապը ընտրեց մի տեղ, որի մոտերքը ո՛չ փլչելու ենթակա պատ կար, ո՛չ խանգարող մարդիկ, և ձեռնամուխ եղավ աթոռը հերձելուն։
 +
 +
Հերձման արդյունքները ապշեցրին երկու կոնցեսիոներներին։ Աթոռի մեջ ոչինչ չկար։ Իպոլիտ Մատվեևիչը գիշերվա և ցերեկվա բոլոր այդ ցնցումներին չդիմանալով, ծիծաղեց առնետի ծիծաղով։
 +
 +
Դրանից անմիջապես հետո լսվեց երրորդ հարվածը, գետինը պատռվեց և կուլ տվեց երկրաշարժի առաջին հարվածին խնայված և մարդկանց կողմից ջարդուփշուր եղած հաբսյան աթոռը, որի ծաղիկները ժպտացին փոշու ամպերի մեջ ծագած արևին։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը կանգնեց չորեքթաթ և, ճմռթված դեմքը արևի կարմրապղտոր սավառնակին ուղղելով, ոռնաց։ Մեծ կոմբինատորը, լսելով նրան, ուշաթափ եղավ։ Երբ նա սթափվեց, կողքին տեսավ Վորոբյանինովի մազերով պատած կզակը։ Իպոլիտ Մատվեևիչը գիտակցությունը կորցրել էր։
 +
 +
― Վերջի վերջո, ― ասաց Օստապը տիֆից կազդուրվողի ձայնով, ― հիմա մենք հարյուրից հարյուր շանս ունենք։ Վերջին աթոռը («աթոռ» բառը լսելուն պես, Իպոլիտ Մատվեևիչը սթափվեց) անհետացավ Հոկտեմբերյան կայարանի ապրանքային բակում, բայց տակավին գետնի տակը չի անցել։ Ինչո՛ւմն է բանը։ Նիստը շարունակվում է։
 +
 +
Ինչ֊որ տեղ դղրդոցով աղյուսներ էին թափվում։ Երկար ու զիլ սուլում էր շոգենավի շչակը։
 +
 +
 +
==Գանձը==
 +
 +
 +
Հոկտեմբերի վերջի անձրևոտ մի օր Իպոլիտ Մատվեևիչը առանց պիջակի, արծաթե մանր աստղերով պատած լուսնկա ժիլետով, եռանդուն գործի վրա էր Իվանոպուլոյի սենյակում։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը աշխատում էր լուսամուտի գոգին, որովհետև մինչև օրս սենյակում սեղան չկար։ Մեծ կոմբինատորը գեղարվեստական գծով մեծ պատվեր էր ստացել բնակընկերությունների համար հասցեների աղյուսկաներ պատրաստելու։ Աղյուսակների պատրաստումը տրաֆարետով Օստապը հանձնարարել էր Վորոբյանինովին, իսկ ինքը Մոսկվա գալու օրվանից գրեթե մի ամիս պտտվում էր Հոկտեմբերյան կայարանի շրջակայքում, անասելի մոլեգնույթամբ որոնելով վերջին աթոռի հետքերը, որն իր մեջ անպայմանորեն թաքցնում էր մադամ Պետուխովայի ադամանդները։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ճակատը կնճռոտելով տրաֆարետում էր երկաթյա տախտակները։ Ադամանդային արշավի կես տարվա ընթացքում նա կորցրել էր իր սովորությունները։
 +
 +
Գիշերները Իպոլիտ Մատվեևիչը երազում տեսնում էր վայրենի տրանսպարանտներով զարդարված լեռնաշղթաներ, աչքերի առջևով, դարչնագույն ազդրերը ցնցելով, թռչում էր Իզնուրենկովը, շուռ էին գալիս նավակներ, խեղդվում էին մարդիկ, երկնքից աղյուս էր ընկնում և երախը լայն բացած գետինը աչքերին ծծմբածուխ էր փչում։
 +
 +
Օստապը, որ ամեն օր Իպոլիտ Մատվեևիչի կողքին էր, ոչ մի փոփոխություն չէր նկատում նրա մեջ։ Մինչդեռ Իպոլիտ Մատվեևիչը արտասովոր կերպով փոխվել էր։ Իպոլիտ Մատվեևիչի քայլվածքն էլ անգամ այն չէր, աչքերի արտահայտություն էլ դարձել էր վայրենի, աճած բեղերն էլ արդեն երկրի մակերեսին զուգահեռ չէին ցցված, այլ գրեթե ուղղահայաց, ինչպես քավթառ կատվի բեղերը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը փոխվել էր և ներքուստ։ Նրա բնավորության մեջ հայտնվել էին առաջներում ոչ հատուկ վճռականության և դաժանության գծեր։ Երեք միջադեպ հեզհետե նրա մեջ դաստիարակել էին այդ նոր զգացմունքները․ վասյուկինցի շախմատասերների ծանր բռնուցքներից հրաշքով փրկվելը, Պյատիգորսկի ― «Ծաղկանոցի» մոտերքի մուրացկանություն անելու առաջին դեբյուտը, վերջապես՝ երկրաշարժը, որից հետո Իպոլիտ Մատվեևիչը փոքր֊ինչ վնասվեց և գաղտնի ատելություն պահեց մեջը իր կոմպանինոնի նկատմամբ։
 +
 +
Վերջին ժամանակներս Իպոլիտ Մատվեևիչը բռնվել էր ուժեղագույն կասկածանքներով։ Նա վախենում էր, թե Օստապը ինքը բաց կանի աթոռը և գանձը վերցնելով կմեկնի, բախտի քմահաճույքին թողնելով իրեն։ Նա չէր համարձակվում արտահայտել իր կասկածանքերը, ծանոթ լինելով Օստապի ծանր ձեռքերին և նրա անդրդվելի բնավորությանը։ Ամեն օր պատուհանի մոտ նստած և քառթված հին ածելիով չորացած տառերը քերելով, Իպոլիտ Մատվեևիչը տանջվում էր։ Ամեն օր նա վախենում էր, թե Օստապն այլևս չի գա, և ինքը, ազնվականության նախկին պարագլուխը, սովամահ կլինի մոսկովյան խոնավ ցանկապատի տակ։
 +
 +
Բայց Օստապը գալիս էր ամեն երեկո, թեև ուրախ լուրեր չէր բերում։ Անսպառ էին նրա եռանդը և ուրախությունը։ Հույսը ոչ մի րոպե չէր լքում նրան։
 +
 +
Միջանցքում ոտնաձայն լսվեց, ինչ֊որ մեկը զրխկաց անկիզելի պահարանին, և ֆաներե դուռը լայն բացվեց քամու շուռ տված էջի թեթևությամբ։ Շեմքին կանգնել էր մեծ կոմբինատորը։ Նա ամբողջովին թրջված էր, այտերը այրվում էին խնձորների պես։ Նա շնչում էր ծանր։
 +
 +
― Իպոլիտ Մատվե՛ևիչ, ― բղավեց նա։ ― Լսեցե՛ք, Իպոլիտ Մատվեևիչ։
 +
 +
Վորոբյանինովը զարմացավ։ Դեռ երբեք տեխնիկական դիրեկտորը իրեն անուն֊հայրանունով չէր կանչել։ Եվ հանկարծ նա հասկացավ․․․
 +
 +
― Կա՞, ― արտաշնչեց նա։
 +
 +
― Բանն էլ հենց այդ է, որ կա։ Ա՛խ, Կիսա, գրողը ձեզ տանի։
 +
 +
― Մի բղավեք, ամեն ինչ լսվում է։
 +
 +
― Ճիշտ է, ճիշտ է․ կարող են լսել, ― արագ֊արագ շշնջաց Օստապը։ ― Կա՛, Կիսա, կա, և եթե ուզում եք, ես կարող եմ հիմա ևեթ ցուցադրել այն։ Նա երկաթուղայինների ակումբումն է, նոր ակումբում․․․ Երեկ բացումն էր․․․ Ինչպե՞ս գտա։ Դատարկ բա՞ն։ Անասելի դժվար էր։ Հանճարեղ կոմբինացիա, փայլուն կերպով մինչև վերջը տարված։ Անտիկ արկած․․․ Մի խոսքով, բարձր կարգի մի բան։
 +
 +
Չսպասելով, մինչև Իպոլիտ Մատվեևիչը պիջակը կքաշեր վրան, Օստապը դուրս վազեց միջանցք։ Վորոբյանինովը սանդուղքի վրա միացավ նրան։ Երկուսն էլ, մեկ մեկու հետ հուզված հարցեր փոխանակելով, թաց փողոցներով սլանում էին դեպի Կալանչևյան հրապարակը։ Նրանք նույնիսկ գլխի չընկան, որ կարելի է նստել տրամվայ։
 +
 +
― Դուք հագնված եք կոշկակարի պես, ― ուրախ֊ուրախ շաղակրատում էր Օստապը։ ― Ո՞վ է այդպես ման գալիս, Կիսա։ Ձեզ հարկավոր են օսլայած սպիտակեղեն, մետաքսյա գուլպաներ և, իհարկե ցիլինդր։ Ձեր դեմքի վրա ինչ֊որ ազնիվ բան կա։ Ասացեք, դուք իսկապե՞ս եղել եք ազնվականության պարագլուխ։
 +
 +
Ցույց տալով պարագլխին աթոռը, որ դրված էր շախմատային խմբակի սենյակում և ուներ ամենասովորական հաբսյան տեսք, թեև իր մեջ անսահման արժեքներ էր թաքցնում, Օստապը Վորոբյանինովին քարշ տվեց միջանցք։ Այստեղ ոչ ոք չկար։ Օստապը մոտեցավ ձմեռվա համար դեռ չծեփած պատուհանին և բնից դուրս քաշեց երկու շրջանակների սողնակները։
 +
 +
― Այս պատուհանից, ― ասաց նա, ― մենք այսօր գիշերը ուզածդ ժամին հեշտ ու հանգիստ կընկնենք ակումբ։ Հիշեցեք, Կիսա, շքամուտքից երրորդ պատուհանը։
 +
 +
Նրանք դեռ երկար թափառեցին ակումբում իբրև գավժողկրթբաժնի ներկայացուցիչներ և չէին կարողանում չհիանալ հրաշալի դահլիճներով և սենյակներով։
 +
 +
― Եթե ես Վասյուկիում խաղայի ահա այսպիսի մի աթոռի վրա նստած, ― ասաց Օստապը, ― ապա ոչ մի խաղ տանուլ չէի տա։ Ոգևորությունը թույլ չէր տա։ Սակայն, գնանք, ծերուկ, ես հոգեպահուստ քսանհինգ ռուբլի ունեմ։ Գիշերվա այցելություններից առաջ մենք պետք է գարեջուր խմենք և հանգստանանք։ Գարեջուրը ձեզ անհարմար վիճակի մեջ չի՞ գցում, պարագլուխ։ Փույթ չէ։ Վաղը դուք շամպայն կլակեք անսահման քանակությամբ։
 +
 +
Գարեջրատնից Սիվցեվ Վրաժեկ գնալիս Բենդերը անասելի զվարճանում և խայթում էր անցորդներին։ Նա փարվում էր թեթևակի հարբած Իպոլիտ Մատվեևիչի ուսերին և քնքշությամբ ասում․
 +
 +
― Դուք չափից շատ համակրելի ծերուկ եք, Կիսա, բայց ես ձեզ տասը տոկոսից ավել չեմ տա։ Աստված վկա, չեմ տա։ Դե լավ, ձեր ինչների՞ն է պետք այդքան փողը։
 +
 +
― Ինչպե՞ս թե ինչներին։ Ինչպե՞ս թե ինչներին, ― տաքանում էր Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Օստապն անկեղծ սրտով ծիծաղում և այտը հպում էր կոնցեսիայի իր ընկերոջ թաց թևքին։
 +
 +
― Ախր ի՞նչ եք գնելու, Կիսա։ Ի՞նչ։ Չէ՞ որ դուք ոչ մի ֆանտազիա չունեք։ Աստված է վկա, տասնհինգ հազարը ձեզ բոլ֊բոլ հերիք է։ Չէ՞ որ շուտով դուք մեռնելու եք, ախր շատ ծեր եք։ Ձեզ ընդհանրապես փող պետք չէ․․․ Գիտեք ինչ, Կիսա, վայ թե ես ձեզ ոչինչ չտամ։ Դա երես տալ կլինի։ Իսկ ձեզ, Կիսուլյա, կվերցնեմ ինձ մոտ քարտուղար։ Հը՞։ Ամսական քառասուն ռուբլի։ Ուտելիքն ինձանից։ Չորս հանգստի օր․․․ Հը՞։ Արտահագուստ, թեյի փող, սոցապ․․․ Հը՞։ Ընդունելի՞ է ձեզ այս առաջարկությունը։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ձեռքը պոկեց և արագ֊արագ առաջ շարժվեց։ Այդ կատակները նրան կատաղության էին հասցնում։
 +
 +
Օստապը վարդագույն առանձնատան մուտքի մոտ հասավ Վորոբյանինովին։
 +
 +
― Դուք իսկապե՞ս նեղացաք ինձանից, ― հարցրեց Օստապը։ ― Ես ախր կատակ էի անում։ Դուք ձեր երեք տոկոսը կստանաք։ Վկա է աստված, երեք տոկոսը ձեզ բավական է, Կիսա։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը մռայլ ներս մտավ սենյակ։
 +
 +
― Հը՞, Կիսա, ― հոգու հետ էր խաղում Օստապը, ― համաձայնեք երեք տոկոսին։ Աստված վկա, համաձայնեք։ Մեկ ուրիշը կհամաձայներ։ Սենյակ գնելու կարիք չունեք, մանավանդ, որ Իվանոպուլոն Տվեր է մեկնել մի ամբողջ տարով։ Կամ այնուամենայնիվ ինձ մոտ ընդունվեք որպես սպասավոր․․․ Տաքուկ տեղ է։
 +
 +
Տեսնելով, որ Իպոլիտ Մտավեևիչին ոչնչով չի կարող տակնուվրա անել, Օստապը անուշ հորանջեց, ձգվեց մինչև առաստաղը, լայն կրծքավանդակը լցրեց օդով և ասաց․
 +
 +
― Է՛, բարեկամս, գրպաններդ պատրաստիր։ Ակումբ կգնանք լուսաբացից առաջ։ Դա ամենալավ ժամանակն է։ Պահակները քնած քաղցր երազներ են տեսնում, որի համար նրանց հաճախ հեռացնում են առանց արձակման նպաստի։ Իսկ առայժմ, սիրելիս, խորհուրդ եմ տալիս ձեզ հանգստանալ։
 +
 +
Օստապը պառկեց Մոսկվայի զանազան մասերից հավաքած երեք աթոռների վրա և, նիրհելով, արտասանեց․
 +
 +
― Կամ սպասավոր․․․ Կարգին ռոճիկ․․․ Ուտելիք․․․ Թեյափող․․․ Դե լավ, լավ, կատակ եմ անում․․․ Նիստը շարունակվում է։ Սառույցը շարժվե՛ց, պարոնայք երդվյալ ատենակալներ։
 +
 +
Դրանք մեծ կոմբինատորի վերջին խոսքերն էին։ Նա քնեց անհոգ քնով, խոր, թարմացնող և երազներով չծանրաբեռնված քնով։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը դուրս ելավ փողոց։ Նա լեցուն էր կատաղությամբ և չարությամբ։ Լուսինը ցատկոտում էր ամպային գուղձերի վրայով։ Առանձնատների թաց հարթակները յուղոտ փայլփլում էին։ Ջրափոշու պսակներով շրջապատված գազային լապտերները տագնապալից պլպլում էին։ «Օրյոլ» գարեջրատնից դուրս հրեցին մի հարբածի։ Հարբածը գոռաց։ Իպոլիտ Մատվեևիչը խոժոռվեց և հաստատ վերադարձավ։ Նա մի ցանկություն ուներ՝ ամեն բան շուտ վերջացնել։
 +
 +
Նա մտավ սենյակ, խստադեմ նայեց քնած Օստապին, սրբեց պենսնեն և լուսամուտի գոգից վերցրեց ածելին։ Նրա քառթերի վրա երևում էին յուղաներկի չորացած թեփերը։ Նա ածելին դրեց գրպանը, մի անգամ ևս անցավ Օստապի կողքով, առանց նրա վրա նայելու, բայց լսելով նրա շնչառությունը, և հայտնվեց միջանցքում։ Այստեղ խաղաղ էր ու անդորր։ Ինչպես երևում է, բոլորն արդեն քնել էին։ Միջանցքի լիակատար մթության մեջ Իպոլիտ Մատվեևիչը հանկարծ ժպտաց ամենախայթիչ ժպիտով և զգաց, որ ճակատի մաշկը շարժվեց։ Այդ նոր զգացումն ստուգելու համար նա նորից ժպտաց։ Հանկարծ հիշեց, որ գիմնազիայում աշակերտ Պիծտևե֊Կակուևը կարողանում էր ականջները շարժել։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը հասավ մինչև սանդուղքը և ուշադիր ականջ դրեց։ Սանդուղքի վրա ոչ ոք չկար։ Փողոցից լսվում էր կառապանի ձիու սմբակների ընդգծված բարձր ու որոշակի շխկոցը, ասես համրիչի վրա էին գցում։ Պարագլուխը կատվի քայլերով վերադարձավ սենյակ, աթոռի վրա կախված Օստապի պիջակից հանեց քսանհինգ ռուբլին և տափակբերանը, գլխին դրեց ծովակալի կեղտոտ ֆուրաժկան ու նորից ականջ դրեց։
 +
 +
Օստապը քնած էր խաղաղ, առանց ֆսֆսացնելու։ Նրա քթախոռոչը և թոքերն աշխատում էին իդեալականորեն, օդը կանոնավոր կերպով ներշնչելով և արտաշնչելով։ Հաստ ու պինդ ձեռքը կախվել էր մինչև հատակը։ Իպոլիտ Մատվեևիչը, զգալով քունքերակի վայրկյանական զարկերը, առանց շտապելու աջ թևը քշտեց մինչև արմունկը, մերկացրած ձեռքը փաթաթեց խավոտ երեսսրբիչով, քաշվեց դռան կողմը, գրպանից հանեց ածելին և աչքի չափով հաշվելով սենյակի տարածությունը, անջատիչը պտտեցրեց։ Լույսը մարեց, բայց սենյակը թեթևակի լուսավորված էր փողոցային լապտերի կապտավուն ակվարիումային լույսով։
 +
 +
― Ավելի լավ, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
Նա մոտեցավ սնարին և, ածելիով ձեռքը հեռու պահած, շեղբը մեկից ամբողջ ուժով թեք խրեց Օստապի կոկորդը, ածելին անմիջապես դուրս քաշեց և ետ ցատկեց դեպի պատը։ Մեծ կոմբինատորը արձակեց մի ձայն, որն արձակում է խոհանոցի կոնքը՝ ջրի մնացորդները ներծծելիս։ Իպոլիտ Մատվեևիչին հաջողվեց չկեղտոտվել արյունով։ Քարե պատը պիջակով սրբելով, նա աննկատելիորեն մոտեցավ երկնագույն դռանը և մի վայրկյան նորից նայեց Օստապին։ Նրա մարմինը երկու անգամ ճկվել և փռվել էր աթոռների մեջքերին։ Փողոցի լույսը լողում էր հատակին գոյացած արյան սև լճակի մեջ։
 +
 +
«Ի՞նչ լճակ է դա, ― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով։ Հա, հա, արյուն է․․․ Ընկեր Բենդերը վախճանվեց»։
 +
 +
Վորոբյանինովն արձակեց փոքր֊ինչ կեղտոտած երեսսրբիչը, նետեց մի կողմ, ապա ածելին զգուշությամբ դրեց հատակին և հեռացավ՝ դուռը կամացուկ ծածկելով։
 +
 +
Փողոց դուրս գալով, Իպոլիտ Մատվեևիչը հոնքերը կիտեց և «բոլոր ադամանդներն են իմը և ոչ թե վեց տոկոսը» քրթմնջալով, գնաց Կալանչևյան հրապարակը։
 +
 +
Երկաթուղային ակումբի շքամուտքից երրորդ պատուհանի մոտ Իպոլիտ Մատվեևիչը կանգ առավ։ Նոր շենքի հայելանման պատուհանները մարգարտյա գորշություն ունեին բացվող առավոտվա լույսի տակ։ Խոնավ օդի մեջ հնչում էին մանևրող շոգեքարշների խուլ ձայները։ Իպոլիտ Մատվեևիչը ճարպկորեն մագլցեց քիվի վրա, հրեց շրջանակը և անաղմուկ ներս թռավ միջանցք։
 +
 +
Հեշտ կողմնորոշվելով ակումբի նախալուսաբացի գորշ դահլիճներում, Իպոլիտ Մատվեևիչը մտավ շախմատային կաբինետը և, գլուխը կպցնելով պատից կախված Էմանուիլ Լասկերի դիմանկարին, մոտեցավ աթոռին։ Նա չէր շտապում։ Շտապելու հարկ չկար։ Ոչ ոք նրա ետևից չէր ընկել։ Գրոսմեյստեր Օ․ Բենդերը հավիտենական քնով քնած էր Սիվցև Վրաժեկի վարդագույն առանձնատան մեջ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը նստեց հատակին, իր ջլուտ ոտքերով գրկեց աթոռը և ատամնաբույժի սառնասրտությամբ սկսեց աթոռից դուրս քաշել պղնձյա մեխերը, ոչ մեկը բաց չթողնելով։ Վաթսուներկուրորդ մեխի վրա նրա աշխատանքը վերջացավ։ Անգլիական չիթը և ռագոժան ազատ ընկած էին աթոռի պաստառին։
 +
 +
Բավական էր միայն բարձրացնել դրանք, տեսնելու համար թանկարժեք քարերով լեցուն տուփերը, տուփուկներն ու արկղիկները։
 +
 +
«Անմիջապես ավտոմոբիլ, ― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով, որ կյանքի իմաստությունը սովորել էր մեծ կոմբինատորի դպրոցում, ― ու կայարան։ Եվ լեհական սահմանը։ Որևէ քարի դիմաց ինձ կանցկացնեն այն կողմը, իսկ այնտեղ․․․»։
 +
 +
Եվ, ցանկանալով շուտ տեսնել, թե ինչ է լինելու «այնտեղ», Իպոլիտ Մատվեևիչը աթոռի վրայից քաշեց չիթն ու ռագոժան։ Նրա աչքերի առջև բացվեցին զսպանակներ, անգլիական հիանալի զսպանակներ, և լցվածք, մինչպատերազմյան որակի հրաշալի լցվածք, որպիսին հիմա ոչ մի տեղ չես գտնի։ Բայց աթոռի մեջ ուրիշ ոչինչ չկար։ Իպոլիտ Մատվեևիչը մեքենայորեն խառնշտորեց լցվածքը և կես ժամի չափ նստել էր՝ աթոռը կառչուն ոտքերից բաց չթողնելով և բութ֊բութ կրկնելով․
 +
 +
― Հապա ինչո՞ւ այստեղ ոչինչ չկա։ Այդ չի՛ կարող պատահել։ Այդ չի՛ կարող պատահել։
 +
 +
Գրեթե լույս էր արդեն, երբ Վորոբյանինովը, ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես եղել էր շախմատային կաբինետում, մոռանալով այնտեղ տափակաբերանն ու գոյություն չունեցող յախտ֊ակումբի ոսկե դրոշմով ֆուրաժկան, աննկատ, ծանր ու հոգնած դուրս սողաց փողոց։
 +
 +
― Այդ չի կարող պատահել, ― կրկնեց նա, մի թաղամաս անցնելուց հետո։ ― Այդ չի կարող պատահել։
 +
 +
Եվ նա կրկին վերադարձավ ակումբ ու սկսեց ման գալ նրա մեծ պատուհանների երկարությամբ, շուրթերը շարժելով։
 +
 +
― Այդ չի՛ կարող պատահել։ Այդ չի՛ կարող պատահել։ Այդ չի՛ կարող պատահել։
 +
 +
Երբեմն նա ճչում էր և բռնում առավոտվա մառախուղից խոնավացած գլուխը։ Վերհիշելով գիշերվա բոլոր դեպքերը, նա ցնցում էր ալեհեր մազերը։ Ադամանդյա գրգիռը շատ ուժեղ միջոց դուրս եկավ․ հինգ րոպեում նա զառամեց։
 +
 +
― Տեղից վեր կացողը ման է գալիս, ― լսեց Վորոբյանինովը իր՝ ականջի ետևում։
 +
 +
Նա տեսավ բրեզենտե արտահագուստով և սառը սապոգներով պահակին։ Պահակը շատ ծեր էր և, ըստ երևույթին, բարի։
 +
 +
― Մի գլուխ գալիս են ու գալիս, ― սրտաբացորեն ասում էր ծերուկը, որին ձանձրացրել էր գիշերվա մենակությունը, ― դուք էլ, ընկեր, հետաքրքրվում եք։ Ճիշտ էլ որ։ Մեր ակումբը, կարելի է ասել, անսովոր ակումբ է։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը տանջալից դեմքով նայեց կարմրադեմ ծերուկին։
 +
 +
― Հա՜, ― ասաց ծերուկը, ― սովորական ակումբ չէ սա։ Դրա նմանը ոչ մի տեղ չեք գտնի։
 +
 +
― Իսկ ի՞նչ անսովոր բան կա այստեղ, ― հարցրեց Իպոլիտ Մտվեևիչը, մտքերը ժողովելով։
 +
 +
Ծերուկը ուրախ֊ուրախ նայեց Վորոբյանինովին։ Ըստ երևույթին, արտասովոր ակումբի պատմությունը շատ դուր էր գալիս հենց իրեն և նա սիրում էր կրկնել այն։
 +
 +
― Ահա թե ինչ, ― սկսեց ծերուկը, ― տասը տարի է էստեղ պահակություն եմ անում, համա էսպիսի դեպքի չէի հանդիպել։ Դու լսիր, զինվորիկ։ Եվ ահա էստեղ մի մշտական ակումբ կար, հայտնի թե ինչ ակումբ, քարշի ծառայության, առաջին ուղեմասի ակումբ։ Ես հենց նրա պահակն էի։ Անպետք ակումբ էր․․․ Վառում էին, վառում ու ոչինչ անել չէին կարող։ Իսկ ընկեր Կրասիլնիկովը հարձակվում էր վրաս․ «Ուր է, միթամ, գնում փետը»։ Իսկ ես հո չէ՞ի ուտում էդ փետը։ Շա՜տ տանջվեց էդ ակումբի ձեռքին ընկեր Կրասիլնիկովը ― էս յանը խոնավ էր, էն յանը ցուրտ, փողային խմբի սենյակ չկար ու թատրոնում խաղալը տանջանք էր․ պարոնայք արտիստները սառչում էին։ Հինգ տարի շարունակ վարկ էին խնդրում նոր ակումբի համար, համա չգիտեմ, թե ինչ էր դուրս գալիս։ Դորպրոֆսոժը վարկը չէր հաստատում։ Միայն էս գարնանը ընկեր Կրասիլնիկովը բեմի համար մի աթոռ գնեց, լավ, փափուկ աթոռ․․․
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը, ամբողջ մարմնով դեպի ծերուկը թեքված, լսում էր։ Նա կիսաուշաթափ վիճակումն էր։ Իսկ ծերուկը սրտանց ծիծաղելով պատմում էր, թե ինչպես մի անգամ բարձրացավ այդ աթոռի վրա էլեկտրական լամպը հանելու ու վայր գլորվեց։
 +
 +
― Էդ աթոռից վեր ընկա, երեսի շորը պատռվեց։ Տեսնեմ ի՜նչ, շորի տակից ապակու մանր կտորներ թափվեցին ու մեկ էլ թելաշար սպիտակ ուլունքներ։
 +
 +
― Ուլունքնե՜ր, ― վրա բերեց Իպոլիտ Մատվեևիչը։
 +
 +
― Ուլունքնե՛ր, ― ծվծվաց ծերուկը հիացած։ ― Նայում եմ դենը, զինվորիկ, իսկ էնտեղ զանազան տուփեր։ Ես տուփերին իսկի ձեռք էլ չտվեցի։ Դուզ վազեցի ընկեր Կրասիլնիկովի մոտ ու պատմեցի։ Էդպես էլ պատմեցի հանձնաժողովին։ Ես էդ տուփերին ձեռք չեմ տվել։ Ու լավ էլ արեցի, զինվորիկ, որովհետև էնտեղ բուրժույների թաքցրած թանկարժեք իրեղեններ էին գտնվել։
 +
 +
― Բա ո՞ւր են թանկարժեք իրերը, ― բղավեց պարագլուխը։
 +
 +
― Ուր են, ուր են, ― տնազեց ծերուկը, ― էստեղ, զինվորիկ, հասկանալ է պետք։ Հրե՛ս դրանք։
 +
 +
― Ո՞ւր է, ո՞ւր է։
 +
 +
― Հրես էլի, ― բղավեց կարմրադեմ ծերուկը, ուրախանալով գործած էֆեկտի վրա։ ― Հրե՛ս դրանք։ Ակնոցներդ մաքրի։ Ակումբ շինեցին դրանցով, զինվորիկ, տեսնո՞ւմ ես։ Հրես ակումբը։ Շոգեջեռուցում, ժամացույցով շաշկի, բուֆետ, թատրոն, կալոշներով ներս չեն թողնում։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը սառեց մնաց և, տեղից չշարժվելով, աչքերը հածում էր քիվերի վրայով։
 +
 +
Ահա՛ թե որտեղ է մադամ Պետուխովայի գանձը։ Ահա՛ նա։ Ամբողջն էլ այստեղ է։ Ամբողջ հարյուր հիսուն հազար ռուբլի զրո֊զրո կոպեկը, ինչպես սիրում էր ասել Օստապ Սուլեյման֊Բերտա֊Մարիա Բենդերը։
 +
 +
Ադամանդները վերածվել էին ճակատային համատարած ապակիների և երկաթբետոնե ծածկերի, մարմնամարզական հովասուն դահլիճները շինվել էին մարգարիտներից։ Ալմաստե ապարոշը վերածվել էր պտտվող բեմ ունեցող թատերական դահլիճի, սուտակե կախազարդերը ներաճել ու դարձել էին ամբողջական ջահեր, զմրուխտավոր օձաձև ոսկյա ապարանջանները փոխակերպվել էին հիանալի գրադարանի, իսկ ճարմանդավոր մանյակը վերամարմնավորվել ու դարձել էր մանկամսուր, պլանյորային արհեստանոց, շախմատային կաբինետ և բիլիարդանոց։
 +
 +
Գանձը մնացել էր, նա պահպանվել և նույնիսկ ավելացել էր։ Այն կարելի էր ձեռքով շոշափել, բայց չէր կարելի վերցնել ու տանել։ Նա ծառայության էր անցել ուրիշ մարդկանց մոտ։
 +
 +
Իպոլիտ Մատվեևիչը ձեռքով շոշափեց գրանիտե երեսվածքը։ Քարի սառնությունը անցավ մինչև սրտի խորքը։
 +
 +
Եվ նա ճչաց։
 +
 +
Նրա ճիչը՝ կատաղի, մոլեգին ու վայրի, ― տեղնուտեղը զարկված էգ գայլի ճիչը, ― թռավ հասավ հրապարակի մեջտեղը, նետվեց կամրջի տակ և ամեն տեղից ետ մղվելով արթնացող մեծ քաղաքի ձայներով, սկսեց նվազել և մի րոպեում հյուծվեց։ Աշնան հոյակապ առավոտը խոնավ տանիքներից թավալգլոր իջավ Մոսկվայի փողոցները։ Քաղաքը ելավ իր առօրյա արշավին։
  
==Ծանոթագրություններ==
 
==Ծանոթագրություններ==
 
<references/>
 
<references/>

Ընթացիկ տարբերակը 23:34, 16 Մայիսի 2016-ի դրությամբ

Տասներկու աթոռ

հեղինակ՝ Իլֆ եւ Պետրով
թարգմանիչ՝ Ա․Մ․ Ղազարյան
աղբյուր՝ «Տասներկու աթոռ։ Ոսկե հորթը»

Բովանդակություն

Ստարգորոդի առյուծը

Բեզենչուկը և «Հավերժահարսները»

Գավառական N քաղաքում այնքան վարսավիրանոցներ և թաղման արարողությունների բյուրոներ կային, որ թվում էր, թե քաղաքի բնակիչները ծնվում են հենց միայն նրա համար, որ սափրվեն, խուզվեն, գլուխները թարմացնեն վեժետալով և անմիջապես մեռնեն։ Մինչդեռ իրականում գավառական N քաղաքում մարդիկ բավականին հազվադեպ էին ծնվում, սափրվում և մեռնում։ Խիստ խաղաղ էր ընթանում քաղաքի կյանքը։ Գարնանային երեկոները արբեցնող էին, լուսնի տակ ցեխը փայլփլում էր անտրացիտի պես, և քաղաքի ամբողջ երիտասարդությունը այն աստիճանի էր սիրահարված կոմունալնիկների տեղկոմի քարտուղարուհու վրա, որ այդ բանը խանգարում էր նրան անդամավճարներ հավաքելու։

Սիրո և մահվան հարցերը չէին հուզում Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին, թեև ամեն օր ի պաշտոնե նա տնօրինում էր այդ հարցերը առավոտվա ժամը իննից մինչև երեկոյան հինգը՝ նախաճաշի կեսժամյա ընդմիջումով։

Առավոտները սառը բաժակով խմելով Կլավդյա Իվանովնայի մատուցած իր բաժին տաք կաթը, նա կիսախավար տնակից դուրս էր գալիս ընդարձակ, գարնան արևի շողերով ողողված ընկեր Գուբերնսկու անվան փողոցը։ Դա այն խիստ հաճելի փողոցներից մեկն էր, որոնք հանդիպում են գավառական քաղաքներում։ Ձախ ձեռքի վրա կանաչավուն ալիքավոր ապակիների ետևում արծաթին էին տալիս «Հավերժահարս» թաղման բյուրոյի դագաղները։ Աջում՝ ծեփը թափած փոքրիկ պատուհանների ետևում մռայլորեն շարված էին դագաղագործ վարպետ Բեզենչուկի կաղնե փոշոտ ու տաղտկալի դագաղները։ Այնուհետև «Սափրելու վարպետ Պյեռն ու Կոնստանտինը» իր սպառողներին խոստանում էր «եղունգների խնամք» և «օդուլիանսիոն տանը»։ Ավելի դենը տեղադրված էր հյուրանոց՝ վարսավիրանոցով, իսկ նրա ետևում մեծ ամայի վայրում կանգնել էր դեղնավուն մի հորթ և քնքշորեն լիզում էր ժանգոտ, մենացից դարպասին հենած ցուցանակը․

ԹԱՂՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Համեցեք խնդրեմ»

Թեև թաղման բյուրոներ շատ կային, բայց նրանք շատ քիչ պատվիրատուներ ունեին։ «Համեցեք խնդրեմը» սնանկացել էր դեռ երեք տարի առաջ այն օրից, երբ Իպոլիտ Մատվեևիչը բնակություն հաստատեց N քաղաքում, իսկ վարպետ Վեզենչուկը թունդ օղի էր խմում և մի անգամ նույնիսկ փորձեց լոմբարդում գրավ դնել իր լավագույն ցուցադրման դագաղը։

N քաղաքի մարդիկ ուշ֊ուշ էին մեռնում և այդ բանը ամենից լավ գիտեր Իպոլիտ Մատվեևիչը, որովհետև ծառայում էր Զագսում, ուր վարում էր մահերի և ամուսնությունների գրանցման գործը։

Սեղանը, որի ետևում աշխատում էր Իպոլիտ Մատվեևիչը, նման էր հին շիրմաքարի։ Նրա ձախ անկյունը ոչնչացրել էին առնետները։ Վտիտ ոտքերը ցնցվում էին ծխախոտագույն հաստ թղթապանակների ծանրության տակ։ Թղթապանակները լիքն էին գրանցումներով, որոնցից կարելի էր ամեն տեսակ տոհմաբանական տեղեկություններ քաղել քաղաքի բնակիչների և գավառական խղճուկ հողում աճած ծննդաբանական ծառերի մասին։

1927 թվականի ապրիլի 15֊ի ուրբաթ օրը Իպոլիտ Մատվեևիչը սովորականի պես արթնացավ ութի կեսին և անմիջապես քթին դրեց ոսկյա աղեղիկով հնաձև պենսնեն։ Ակնոց նա չէր կրում։ Օրերից մեկ օր, որոշելով, որ պենսնե կրելը հիգիենիկ չէ, Իպոլիտ Մատվեևիչը գնաց ակնոցագործի մոտ և գնեց ակնոց առանց շրջանակի, ոսկեզօծ քեղիներով։ Ակնոցը հենց միանգամից դուր եկավ նրան, բայց կինը (դա նրա մահվանից առաջ էր) գտավ, որ ակնոցով նա տեղովը Միլյուկովն է, և նա ակնոցը տվեց դռնապանին։ Դռնապանը թեպետ և կարճատես չէր, բայց ընտելացավ ակնոցին ու մեծ բավականությամբ կրում էր այն։

― Բոնժուր,― երգեց Իպոլիտ Մատվեևիչը ինքն իրեն, ոտքերն անկողնուց իջեցնելով։ «Բոնժուրը» ցույց էր տալիս, որ Իպոլիտ Մատվեևիչը արթնացել է լավ տրամադրությամբ։ Արթնանալու պահին ասված «գուտ մորգենը» սովորաբար նշանակում էր, որ լյարդը ցավում է, որ հիսուներկու տարին հանաք բան չէ և որ հիմա խոնավ եղանակ է։

Իպոլիտ մատվեևիչը չորիկ֊մորիկ ոտքերը մտցրեց մինչպատերազմյան շալվարի մեջ, կոճերի մոտ կապեց երիզակներով և մտցրեց քառակուսի նեղ քթերով կարճ ու փափուկ սապոգների մեջ։ Հինգ րոպե անց Իպոլիտ Մատվեևիչին զարդարում էր արծաթյա մանր աստղերով պատած լուսնկա ժիլետը և փողփողուն պիջակը։ Լվացվելիս ալեհեր մազերին նստած կաթիլները թափ տալով, Իպոլիտ Մատվեևիչը գազանավարի բեղերը շարժեց, ձեռքով անվճռականորեն շոյեց խորդ ու բորդ կզակը, խոզանակով հարդարեց կարճ խուզած ալյումինե մազերը և քաղաքավարի ժպտալով, ընդառաջեց սենյակ մտնող զոքանչին՝ Կլավդիա Իվանովնային։

―Էպպոլե՜֊ետ,― որոտաց Կլավդիա Իվանովնան,― այսօր ես վատ երազ եմ տեսել։

«Երազ» բառը նա արտասանեց ֆրանսիական առոգանությամբ։

Իպոլիտ Մատվեևիչը բարձրից նայեց զոքանչին։ Նրա հասակը հասնում էր հարյուր ութսունհինգ սանտիմետրի, և այդ բարձրությունից նրա համար հեշտ ու հարմար էր որոշ արհամարհանքով վերաբերվել զոքանչին։

Կլավդիա Իվանովնան շարունակեց․

― Ես տեսա հանգուցյալ Մարիին հերարփակ և ոսկե գոտիով։

Կլավդիա Իվանովնայի ձայնի թնդանոթային որոտներից դողում էր չուգունե լամպը իր գնդով և փոշեպատ ապակյա ձողիկներով։

― Ես շատ անհանգստացած եմ։ Վախենում եմ մի բան պատահի։

Վերջին բառերն արտասանվեցին այնպիսի ուժգնությամբ, որ Իպոլիտ Մատվեևիչի գլխի մազերն ալեկոծվեցին այս ու այն կողմ։ Նա դեմքը կնճռոտեց և զատ֊զատ ասաց․

― Ոչինչ չի լինի, մաման։ Ջրի փողն արդեն մուծե՞լ եք։

Պարզվեց, որ չի մուծել։ Կրկնակոշիկներն էլ չէին լվացվել։ Իպոլիտ Մատվեևիչը չէր սիրում իր զոքանչին։ Կլավդիա Իվանովնան հիմար կին էր , և նրա ծեր հասակը թույլ չէր տալիս հուսալու, թե նա երբևէ կխելոքանա։ Անասելի ժլատ էր, և միայն Իպոլիտ Մատվեևիչի չքավորությունը հնարավորություն չէր տալիս այդ հրապուրիչ զգացմունքին ծավալվելու։ Այնպիսի ուժեղ ու թավ ձայն ուներ, որ նրան կնախանձեր անգամ Ռիչարդ Առյուծասիրտը, որի բղավոցից, ինչպես հայտնի է, ձիերը նստում էին։ Եվ բացի այդ,― որ ամենից սարսափելին էր,― Կլավդիա Իվանովնան երազներ էր տեսնում։ Եվ տեսնում էր միշտ։ Երազում նա տեսնում էր գոտկավոր աղջիկներ, դեղին դրագունային եզրակապով ձիեր, տավիղ նվագող դռնապաններ, պահակի մուշտակներով հրեշտակներ, որոնք գիշերը ման են գալիս թակերը ձեռքերին, և գործելու ճաղեր, որոնք զայրացուցիչ ձայներ հանելով թռչկոտում են սենյակում։ Դատարկ պառավ էր Կլավդիա Իվանովնան։ Այդ ամենին ավելացրած այն, որ նրա քթի տակ բեղեր էին բուսել, և ամեն մի բեղը նման էր սափրվելու վրձինի։

Իպոլիտ Մատվեևիչը, փոքր ինչ ջղայնացած, դուրս ելավ տանից։

Իր ձեռից գնացած հաստատության մուտքի մոտ, դռան կողափայտին հենված և ձեռքերը խաչած կանգնել էր դագաղագործ վարպետ Բեզենչուկը։ Իր առևտրական ձեռնարկումների սիստեմատիկ սնանկացումից և թունդ խմիչքների երկարատև գործածությունից վարպետի աչքերը կատվի աչքերի պես դեղնագույն էին դարձել և վառվում էին անշեջ կրակով։

― Հարգա՛նք թանկագին հյուրին,― բղավեց նա շուտասելուկի նման, տեսնելով Իպոլիտ Մատվեևիչին։― Բարի լո՛ւյս։

Իպոլիտ Մատվեևիչը քաղաքավարի կերպով բարձրացրեց կաստորե կեղտոտ շլյապան։

― Ինչպե՞ս է զոքանչիկի առողջությունը, թույլ տվեք իմանալ։

― Մռ֊մռ֊մռ,― անորոշ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը և, ուղիղ ուսերը թոթվելով, առաջ շարժվեց։

― Է՛հ, աստված առողջություն տա,― դառնությամբ ասաց Բեզենչուկը,― որքա՜ն վնաս ենք կրում, նրա հերն էլ անիծած։

Ու նորից, ձեռքերը կրծքին խաչելով, հենվեց դռանը։

«Հավերժահարս» թաղման բյուրոյի դռների մոտ Իպոլիտ Մատվեևիչին նորից կանգնեցրին։

«Հավերժահարսի» տերերը երեք հոգի էին։ Նրանք միաժամանակ գլուխ տվեցին Իպոլիտ Մատվեևիչին և խմբովին հարցրին զոքանչի առողջության մասին։

― Առողջ է, առողջ,― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը,― ի՛նչ կարող է լինել։ Այսօր ոսկյա աղջիկ է տեսել, հերարձակ։ Այդպիսի երազ է եղել տեսածը։

Երեք «հավերժահարսները» նայեցին իրար և բարձրաձայն հառաչեցին։

Բոլոր այդ խոսակցություններն ուշացրին Իպոլիտ Մատվեևիչին և նա հակառակ սովորության, ծառայության եկավ այն պահին, երբ «Գործդ պրծար՝ հեռացիր» լոզունգի վերևում կախված ժամացույցը ցույց էր տալիս ինն անց հինգ րոպե։

Իպոլիտ Մատվեևիչին երկար հասակի և մանավանդ բեղերի համար հիմնարկում Մացիստ էին անվանում, թեև իսկական Մացիստը ոչ մի բեղ էլ չուներ։

Սեղանի արկղից հանելով թաղիքե կապույտ միդնարը, Իպոլիտ Մատվեևիչը դրեց այն աթոռին, ճիշտ ուղղություն տվեց բեղերին (սեղանի գծին զուգահեռ) և նստեց մինդարին, փոքր֊ինչ բարձրանալով իր երեք ծառայակիցներից։ Իպոլիտ Մատվեևիչը չէր վախենում հեմորոյից, նա վախում էր մաշել շալվարը, ուստի և օգտվում էր կապույտ թաղիքից։

Սովետական ծառայողի բոլոր մանիպուլյացիաներին ամոթխած հետևում էին երկու ջահելներ՝ տղամարդ և աղջիկ։ Մեջը բամբակ դրած մահուդե պիջակով տղամարդը բոլորովին ընկճվել էր պաշտոնական իրադրությունից, ալիզարինի թանաքի հոտից, ծանր ու հաճախակի շնչող ժամացույցից և մանավանդ «Գործդ պրծար՝ հեռացիր» խիստ պլակատից։ Պիջակավոր տղամարդը թեև իր գործը չէր էլ սկսել, բայց արդեն հեռանալ էր ուզում։ Նրան թվում էր, թե գործը, որի համար նա եկել է, այնքան չնչին է, որ ամոթ բան է դրա համար անհանգստացնել տեսքով ալեհեր այնպիսի քաղաքացուն, ինչպիսին էր Իպոլիտ Մատվեևիչը։ Իպոլիտ Մատվեևիչը ինքն էլ էր հասկանում, որ այցելուի գործը փոքր է, որ նա կհամբերի, ուստի և բացելով N2 արագակար թղթապանակը և այտը ցնցելով, խորացավ թղթերի մեջ։ Փայլուն սև երիզակարով երկար ժակետ հագած աղջիկը փսփսաց տղամարդուն և, ամոթից կարմրելով, սկսեց դանդաղ շարժվել դեպի Իպոլիտ Մատվեևիչը։

― Ընկեր,― ասաց նա,― այստեղ որտե՞ղ են․․․

Պիջակով տղամարդը ուրախ շունչ քաշեց և իր համար անսպասելի կերպով գոչեց․

― Ամուսնանում։

Իպոլիտ Մատվեևիչը ուշադիր նայեց ճաղաշարքին, որի ետևում կանգնել էր զույգը։

― Ծնո՞ւնդ։ Մա՞հ։

― Ամուսնություն,― կրկնեց պիջակավոր մարդը և շփոթված նայեց շուրջը։

Աղջիկը փռթկացրեց։ Գործը հաջողվում էր։ Իպոլիտ Մատվեևիչը ձեռնածուի ճարպկությամբ գործի անցավ։ Պառավական ձեռագրով հաստ գրքում գրանցեց նորապսակների անուն֊ազգանունները, խստորեն հարցաքննեց վկաներին, որոնց կանչելու համար աղջիկը բակ վազեց, երկար ու քնքշորեն շնչեց քառակուսի շտամպների վրա և, ոտքի կանգնելով, դրոշմեց նրանց մաշված անձնագիրը։ Նորապսակներից երկու ռուբլի ընդունելուց և անդորրագիր տալուց հետո, Իպոլիտ Մատվեևիչը քմծիծաղ տալով ասաց․ «Ամուսնական խորհուրդ կատարելու համար»,― և ոտքի ելավ իր հիանալի հասակով մեկ, ըստ սովորության կուրծքը ցցելով (ժամանակին նա կորսետ էր գործածում)։ Արևի հաստ ու դեղին շողերն ընկել էին նրա ուսերին, ինչպես շքեղ ուսադիրներ։ Նրա տեսքը փոքր֊ինչ ծիծաղելի էր, բայց արտակարգ կերպով հանդիսավոր։ Պենսնեի երկգոգավոր ապակիները ճառագայթում էին լուսարձակի սպիտակ լույսով։ Ջահելները կանգնել էին ոչխարների պես։

― Երիտասարդնե՛ր,― ազդարարեց Իպոլիտ Մատվեևիչը վերամբարձ ոճով,― թույլ տվեք շնորհավորել, ինչպես ասում էին առաջներում, ձեր օրինական ամուսնությունը։ Շա՜տ, շա՜տ հաճելի է տեսնել ձեզ պես երիտասարդների, որոնք ձեռք֊ձեռքի տված գնում են դեպի հավիտենական իդեալների բարձունքները։ Շա՜տ֊շա՜տ հաճելի է։

Այդ տրիադը արտասանելուց հետո Իպոլիտ Մատվեևիչը սեղմեց նորապսակների ձեռքը, նստեց և իր արածից միանգամայն գոհ, շարունակեց ընթերցել N2 արագակար թղթապանակի թղթերը։

Հարևան սեղանի ծառայողները քթները խոթեցին թանաքամանների մեջ։

Սկսվեց ծառայության օրվա հանդարտ ընթացքը։ Ոչ ոք չէր անհանգստացնում մահվան և ամուսնության գրանցման սեղանին։ Պատուհանից երևում էր, թե ինչպես քաղաքացիները, գարնան ցրտից կուչ գալով, ցրվում էին իրենց տները։ Ուղիղ կեսօրին աքաղաղը կանչեց «Մուրճ ու գութան» կոոպերատիվում։ Ոչ ոք դրա վրա չզարմացավ։ Ապա լսվեց մետաղյա կռնչյուն և մոտորի դռռոցը։ Ընկեր Գուբերնսկու անվան փողոցից դուրս պրծավ մանուշակագույն ծխի թանձր քուլա։ Դռռոցը ուժեղացավ։ Ծխի ետևում շատ շուտով հայտնվեցին գավգործկոմի փոքրիկ ռադիատորով և մեծածավալ թափքով Պետ․ N1 ավտոմեքենայի ուրվագծերը։ Ավտոմոբիլը, ցեխի մեջ թպրտալով, կտրեց անցավ Ստարոպանյան հրապարակը և, օրորվելով, անհետացավ թունավոր ծխի մեջ։ Ծառայողները դեռ երկար պատուհանի մոտ կանգնած մեկնաբանում էին պատահարը և այն կապում հաստիքների հնարավոր կրճատման հետ։ Քիչ անց փայտե տախտակամածով զգուշորեն անցավ վարպետ Բեզենչուկը։ Ամբողջ օրերով նա թրև էր գալիս քաղաքում իմանալու՝ արդյոք մարդ չի՞ մեռել։

Աշխատանքային օրը մոտենում էր վախճանին։ Հարևան դեղնասպիտակ զանգակատանը զանգերը խփեցին որքան ուժ ունեին։ Ապակիները դողդողացին։ Զանգակատնից դուրս թռան սև ագռավները, միգինգեցին հրապարակի վերևում ու անհետացան։ Իրիկվա երկինքը սառցակալում էր ամայի հրապարակի վրա։

Իպոլիտ Մատվեևիչի տուն գնալու ժամանակն էր։ Այդ օրը բոլոր ծնվածները ծնվել և գրանցվել էին հաստ գրքերում։ Ամուսնանալ ցանկացողները ամուսնացել և նունպես գրանցվել էին հաստ գրքերում։ Եվ, ի բացահայտ տնաքանդություն դագաղագործների, մահվան ոչ մի դեպք չէր եղել։ Իպոլիտ Մատվեևիչը գործերը ծալեց, թաղիքե մինդարը թաքցրեց արկղում, սանրով փափկացրեց բեղերը և, երազելով հրաշունչ սուպի մասին, այն է պատրաստվում էր տուն գնալ, երբ գրասենյակի դուռը լայն բացվեց, շեմքի վրա հայտնվեց դագաղագործ վարպետ Բեզենչուկը։

― Հարգանք թանկագին հյուրին,― ժպտաց Իպոլիտ Մատվեևիչը։― Ի՞նչ կասես։

Վարպետի վայրենի ռեխը թեպետ և փայլում էր վերահաս աղջամուղջի մեջ, բայց նա ոչինչ ասել չէր կարող։

― Հը՞,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը ավլեի խիստ։

― Բա «Հավերժահարսը», նրա հերն էլ անիծած, ապարանք է տալի՞ս,― կցկտուր արտասանեց դագաղագործը։― Բա մի՞թե նա կարող է բավարարել գնորդին։ Դագաղ ասածդ միայն տախտակ որքան է պահանջում․․․

― Ի՞նչ,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Հրեն «Հավերժահարսը»․․․ Երեք ընտանիք մի խղճուկ առևտուրով են ապրում։ Նրանց շինանյութն էլ էն չի, պատրաստումն էլ վատ է, ծոպերն էլ ցանցառ են, նրանց հերն էլ անիծած։ Իսկ ես հին ֆիրմա եմ։ Հիմնված է հազար ինը հարյուր յոթ թվականին։ Իմ դագաղը ոնց որ կարմիր խնձոր լինի, ջոկովի, սրտիդ ուզած․․․

― Ինչ է, հո չե՞ս գժվել,― հեզությամբ հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը և շարժվեց դեպի դուռը։― Կցնդես քո այդ դագաղների մեջ։

Բեզենչուկը պատրաստակամորեն քաշեց դուռը, առաջ թողեց Իպոլիտ Մատվեևիչին, իսկ ինքն ընկավ նրա ետևից, անհամբերությունից ասես դողալով։

― Երբ դեռ «Համեցեք խնդրեմը» կար, այն ժամանակ ճիշտ էր։ Նրանց դլազետի դեմ ո՛չ մի ֆիրմա, նույնիսկ հենց քո ասած Տվերում, դինամալ չէր կարող, նրա հերն էլ անիծած։ Իսկ հիմի, շիտակն ասած, իմ ապրանքից լավը չկա։ Ու մի էլ փնտրի։

Իպոլիտ Մատվեևիչը զայրույթով շուռ եկավ, մի վայրկյան բարկացած նայեց Բեզենչուկին և սկսեց քայլել քիչ ավելի արագ։ Թեև ծառայության գծով այսօր ոչ մի անախորժություն չէր պատահել, բայց և այնպես նա բավականին վատ էր զգում իրեն։

«Հավերժահարսի» երեք տերերը կանգնել էին իրենց հաստատության առջև նույն կեցվածքով, ինչպես որ նրանց առավոտյան թողել էր Իպոլիտ Մատվեևիչը։ Թվում էր, թե նրանք այն պահից ոչ մի խոսք չեն ասել իրարու, բայց դեմքերի ապշեցուցիչ փոփոխությունը, խորհրդավոր այն գոհունակությունը, որ առկայծում էր նրանց աչքերում, ցույց էր տալիս, որ մի շատ նշանակալից բան է հայտնի իրենց։

Բեզենչուկը իր առևտրական ախոյաններին տեսնելուն պես ձեռքը հուսահատ թափահարեց, կանգ առավ և Վորոբյանինովի ետևից շշնջաց․

― Կզիջեմ երեսուներկու ռուբլով։

Իպոլիտ Մատվեևիչը կնճռոտվեց և քայլերն արագացրեց։

― Կարելի է և ապառիկ,― ավելացրեց Բեզենչուկը։

Մինչդեռ «Հավերժահարսի» երեք տերերը ոչինչ չէին ասում։ Նրանք լուռ ու մունջ հետևեցին Վորոբյանինովին, քայլելիս անընդհատ կարտուզները հանելով և քաղաքավարի գլուխ տալով։

Ի վերջո դագաղագործների հիմար հետապնդումից բարկացած Իպոլիտ Մատվեևիչը սովորականից արագ ներս վազեց գավիթ, աստիճանի վրա ջղայնացած քերեց ոտքերի ցեխը և, ախորժակի ուժեղ նոպաներ զգալով, մտավ նախասրահ։ Սենյակից նրան ընդառաջ ելավ քափուքրտինքի մեջ կորած տեր Ֆյոդորը՝ Ֆրոլ և Լավր եկեղեցու քահանան։ Աջ ձեռքով փարաջայի փեշը բռնելով և ոչ մի ուշադրություն չդարձնելով Իպոլիտ Մատվեևիչի վրա, տեր Ֆյոդորը սլացավ դեպի ելքը։

Այստեղ Իպոլիտ Մատվեևիչը նկատեց ավելորդ մաքրություն, նոր, աչք ծակող անկարգություն՝ փոքրաքանակ կահույքի դասավորման մեջ և քթում խուտուտ զգաց ուժեղ դեղերի հոտից։ Առաջին սենյակում Իպոլիտ Մատվեևիչին դիմավորեց հարևանուհին, գյուղատնտեսի կին Կուզնեցովան։ Նա փսփսաց և ձեռքերը թափահարեց․

― Վատ է վիճակը, հենց նոր խոստովանվեց։ Մի թխկթխկացրեք սապոգներով։

― Ես չեմ թխկթխկացնում,― խոնարհ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը։― Իսկ ի՞նչ է պատահել։

Տիկին Կուզնեցովան շուրթերը հավաքեց և ձեռքով ցույց տվեց երկրորդ սենյակի դուռը։

― Սրտի շատ ուժեղ նոպա։

Եվ, կրկնելով որոշակի ուրիշի խոսքերը, որոնք իրենց նշանակությամբ դուր էին եկել նրան, ավելացրեց․

― Բացառված չէ մահացու ելքի հնարավորությունը։ Այսօր ես ամբողջ օրը ոտքի վրա էի։ Առավոտյան մտա մսաղաց մեքենան վերցնելու, տեսնեմ դուռը բաց է, խոհանոցում ոչ ոք չկա, էս սենյակում նույնպես, կարծեցի, թե Կլավդիա Իվանովնան գնացել է ալյուր բերելու՝ կուլիչի համար։ Վերջերս նա պատրաստվում էր այդ անել։ Հիմա ալյուրը, ինքներդ գիտեք, եթե նախօրոք չգնես․․․

Տիկին Կուզնեցովան դեռ երկար կպատմեր ալրի, թանկության և այն մասին, թե ինչպես Կլավդիա Իվանովնային հախճասալե վառարանի մոտ գտավ պառկած միանգամայն մեռյալ վիճակում, բայց հարևան սենյակից լսվող հառաչանքը սուր կերպով հարվածեց Իպոլիտ Մատվեևիչի լսողությանը։ Նա արագ խաչակնքեց փոքր ինչ թմրած ձեռքով և անցավ զոքանչի սենյակը։

Տիկին Պետուխովայի մահը

Կլավդիա Իվանովնան պառկել էր մեջքի վրա, ձեռքի մեկը գլխի տակ դրած։ Գլխին վառ ծիրանագույն գլխադիր ուներ, որը մոդա էր եղել ինչ֊որ թվականի, երբ կանայք «շանտեկլյոր» էին հագնում և նոր֊նոր սկսել էին պարել արգենտինյան «տանգո» պարը։

Կլավդիա Իվանովնայի դեմքը հանդիսավոր էր, բայց պարզապես ոչինչ չէր արտահայտում։ Աչքերը նայում էին առաստաղին։

― Կլա՛վդիա Իվանովնա,― ձայն տվեց Վորոբյանինովը։

Զոքանչը շուրթներն արագ շարժեց, բայց Իպոլիտ Մատվեևիչի ականջին սովոր շեփորաձայների փոխարեն նա լսեց մեղմ, բարակ և այնպես աղիողորմ մի հառաչանք, որ սիրտը ճմլվեց։ Փայլուն արտասուքը անսպասելի կերպով գլորվեց աչքից և սնդիկի պես սահեց դեմքի վրայով։

― Կլա՛վիդա Իվանովնա,― կրկնեց Վորոբյանինովը,― ի՞նչ է պատահել ձեզ։

Բայց նա նորից պատասխան չստացավ։ Պառավը փակեց աչքերը և թեթևակի շուռ եկավ կողքի վրա։

Կամացուկ սենյակ մտավ գյուղատնտեսի կինը և ձեռքից բռնած տարավ նրան, ինչպես փոքրիկ տղաներին են տանում լվացվելու։

― Նա քնել է։ Բժիշկը արգելել է անհանգստացնել նրան։ Դուք, սիրելիս, ահա թե ինչ, անցեք դեղատուն։ Վերցրեք անդորրագիրը և իմացեք, թե ինչ արժե սառցի փուչիկը։

Իպոլիտ Մատվեևիչը ամեն բանում ենթարկվում էր տիկին Կուզենցովային, զգալով նրա անվիճելի գերազանցությունը նման գործերում։

Դեղատունը բավական հեռու էր։ Գիմնազիստի պես դեղատոմսը բռունցքի մեջ սեղմած, Իպոլիտ Մատվեևիչը շտապ դուրս եկավ փողոց։

Արդեն գրեթե մութ էր։ Սպառվող արշալույսի ֆոնի վրա երևում էր դագաղագործ վարպետ Բեզենչուկի թուլակազմ կերպարանքը, որը եղևնու դարբասին հենված հաց ու սոխ էր ուտում։ Հենց կողքին պպզել էին երեք «հավերժահարսերը» և, գդալները լպստելով, ձավարե խաշիլ էին ուտում չուգունե պուտուկից։ Իպոլիտ Մատվեևիչին տեսնելուն պես դագաղագործները զինվորների պես ձգվեցին։ Բեզենչուկը նեղացած ուսերը թոթվեց և, ձեռքերը ախոյանների կողմքը պարզելով, փնթփնթաց․

― Ոտքի տակ են ընկնում, դրանց հերն էլ անիծած։

Սպորտային հրապարակի մեջտեղը, պոետ Ժուկովսկու կիսանդրու մոտ, որի ցոկոլի վրա փորագրված էր՝ «Պոեզիան աստված է՝ երկրի սուրբ երազանքների մեջ», աշխույժ խոսք ու զրույց էր գնում, որ ծագել էր Կլավդիա Իվանովնայի ծանր հիվանդության լուրից։ Հավաքված քաղաքաբնակների ընդհանուր կարծիքը հանգում էր այն բանին, որ «բոլորս էլ այնտեղ կլինենք» և որ «աստված տվել, աստված էլ վերցրել է»։

Վարսավիր «Պյեռն ու Կոնստանտինը» կանչելիս, որն ի դեպ այստեղ էլ արձագանքում էր «Անդրեյ Իվանովիչ» կանչելիս, այստեղ էլ առիթը բաց չէր թողել բժշկական բնագավառի իր գիտելիքները դրսևորելու, որոնք վերցված էին մոսկովյան «Օգոնյոկ» ժուռնալից։

― Ժամանակակից գիտությունը,― ասում էր Անդրեյ Իվանովիչը,― անասելի աստիճանի է հասել։ Օրինակի համար՝ ասենք թե հաճախորդի կզակին մի պզուկ է դուրս պրծել։ Առաջներում գործը մինչև արյան վարակումն էր հասնում, իսկ հիմա Մոսկվայում ասում են,― սուտն ու ճիշտը՝ չգիտեմ,― թե ամեն մի հաճախորդի առանձին ախտահանված վրձին է հասնում։

Քաղաքացիները խոր հառաչեցին։

― Էդ մի քիչ, Անդրեյ, չափն անցկացրիր։

― Որտե՞ղ է տեսնված, որ ամեն մարդու մի առանձին վրձին տան։ Այ մոգոնում է հա՜։

Մտավոր աշխատանքի նախկին պրոլետար, իսկ այժմ փոքրիկ կրպակի վարիչ Պրուսիսը նույնիսկ ջղայնացավ․

― Թույլ տվեք, Անդրեյ Իվանովիչ, Մոսկվայում վերջին մարդահամարի տվյալներով երկու միլիոնից ավելի բնակիչ կա։ Նշանակում է, երկու միլիոնից ավելի վրձին է պետք։ Բավականին օրիգինալ է։

Խոսակցությունը բավականին սուր ձևեր էր ընդունում և սատանան գիտե՝ թե ուր կհասներ, եթե Օսիպնոյ փողոցի վերջում չերևար Իպոլիտ Մատվեևիչը։

― Էլի դեղատուն վազեց։ Նշանակում է՝ գործերը վատ են։

― Կմեռնի պառավը։ Զուր չէ, որ Բեզենչուկը գլուխը կորցրած վազվզում է քաղաքում։

― Բա բժիշկն ի՞նչ է ասում։

― Ի՜նչ բժիշկ։ Բա սոցապդրամարկղի բժիշկները բժիշկներ ե՞ն։ Առողջին էլ մահվան դուռը կասցնեն։

«Պյեռն ու Կոնստանտինը», որ վաղուց արդեն ձգտում էր հաղորդում անել բժշկական թեմայով, սկսեց խոսել, երկյուղածությամբ շուրջը նայելով․

― Հիմա ամբողջ ուժը հեմոգլոբինի մեջ է։

Այդ ասելով, «Պյեռն ու Կոնստանտինը» լռեց։

Լռեցին և քաղաքացիները, ամեն մեկը յուրովի խորհրդախելով հեմոգլոբինի խորհրդավոր ուժի մասին։

Երբ լուսինը բարձրացավ և նրա անաուխի լույսը լուսավորեց Ժուկովսկու փոքրիկ կիսանդրին, նրա պղնձե մեջքի վրա կարելի էր պարզորոշ ընթեռնել կավճով գրած մի կարճ հայհոյանք։

Կիսանդրու վրա այդպիսի գրություն առաջին անգամ հայտնվել էր 1897 թվականի հունիսի 15֊ին, հուշարձանի բացումին անմիջապես հաջորդած գիշերը։ Եվ որքան էլ ոստիկանության, հետագայում միլիցիայի ներկայցուցիչները ջանք էին թափում, այնուամենայնիվ հայհոյական մակագրությունը ամեն օր ճշտորեն վերականգնվում էր։

Դրսից փակոցափեղկեր ունեցող փայտաշեն տներում վաղուց արդեն երգում էին ինքնաեռները։ Ընթրիքի ժամն էր։ Քաղաքացիները, պարապ ժամանակ չկորցնելու համար, ցրվեցին։ Քամին բարձրացավ։

Այդ միջոցին Կլավդիա Իվանովնան մեռնում էր։ Նա մերթ ջուր էր խնդրում, մերթ ասում, թե իրեն հարկ է վերկենալ և գնալ նորոգման տրված Իպոլիտ Մատվեևիչի տոնական կոշիկների ետևից, մերթ գանգատվում էր փոշուց, որից, իր ասելով, խեղդվել կարելի էր, մերթ խնդրում էր վառել բոլոր լամպերը։

Իպոլիտ Մատվեևիչը, որն արդեն հոգնել էր հուզվելուց, ման էր գալիս սենյակում։ Նրա գլխովը տնտեսական անախորժ մտքեր էին անցնում։ Նա մտածում էր, թե ինչպես ստիպված է լինելու ավանս վերցնել փոխօգնության դրամարկղից, վազելու է տերտերի ետևից և պատասխանելու է ազգականների ցավակցական նամակներին։ Փոքր֊ինչ ցրվելու համար Իպոլիտ Մատվեևիչը դուրս եկավ գավիթ։ Լուսնի կանաչավուն լույսի մեջ կանգնել էր դագաղագործ վարպետ Բեզենչուկը։

― Ուրեմն ինչպե՞ս կհրամայեք, պարոն Վորոբյանինով,― հարցրեց վարպետը՝ կարտուզը կրծքին սեղմելով։

― Ինչ կա որ, խնդրեմ,― մռայլ պատասխանեց Իպոլիտ Մատվերևիչը։

― Բա «Հավերժահարսը», նրա հերն էլ անիծած, կարգին ապրանք տալի՞ս է,― հուզվեց Բեզենչուկը։

― Կորի՛ր գրողի ծոցը։ Զա՛հլա տարար։

― Ես ոչինչ։ Ես ծոպերի ու գլազետի մասին էի հարցնում։ Ինչպե՞ս շինեմ, սրա հերն էլ անիծած։ Առաջին տեսակի՞, պրի՞մա։ Թե՞ ոնց։

― Առանց որևէ ծոպի ու գլազետի։ Փայտե հասարակ դագաղ։ Սոճուց։ Հասկացա՞ր։

Բեզենչուկը մատը դրեց շրթունքին, այդ կերպ ցույց տալով, թե ամեն ինչ հասկանում է, շուռ եկավ և, կարտուզով հավասարակշռություն պահպանելով, բայց և այնպես երերալով, գնաց իր գործին։ Իպոլիտ Մատվեևիչը նոր միայն նկատեց, որ վարպետը անասելի հարբած է։

Իպոլիտ Մատվեևիչը նորից արտասովոր գարշանք էր զգում հոգու խորքում։ Նա չէր պատկերացնում, թե ինչպես է մտնելու դատարկ, աղբակալված բնակարանը։ Նրան թվում էր, թե զոքանչի մահվան հետ չքանալու են այն փոքրիկ հարմարություններն ու սովորությունները, որ նա ճիգ ու ջանքով ստեղծել էր հեղափոխությունից հետո, այն հեղափոխությունից, որը նրանից խլել էր մեծ հարմարություններ և լայն սովորություններ։ «Ամուսնանա՞լ,― մտածեց Իպոլիտ Մատվեևիչը։― Ո՞ւմ հետ։ Միլիցիայի պետի ազգականուհո՞ւ, Վառվառա Ստեպա՞նովայի, Պրուսիսի քրո՞ջ։ Թե՞, միգուցե, տնային աշխատող վարձեմ։ Ա՜յդ էր պակաս։ Դատարանները քարշ կտա։ Ասնեք ձեռնտու էլ չէ»։

Կյանքը մեկեն սևացավ Իպոլիտ Մատվեևիչի աչքում։ Աշխարհի երեսին ամեն ինչի հանդեպ վրդովմունքով և զզվանքով լցված, նա նորից վերադարձավ տուն։

Կլավդիա Իվանովնան արդեն չէր զառանցում։ Բարձերի վրա բարձր պառկած, նա լիովին իմաստավորված և, ինչպես Իպոլիտ Մատվեևիչին թվաց, նունիսկ խստորեն նայեց իրեն։

― Իպոլիտ,― շշնջաց նա որոշակի,― նստեցեք ինձ մոտ։ Ես պետք է ձեզ պատմեմ․․․

Իպոլիտ Մատվեևիչը դժգոհությամբ նստեց, ակնապիշ նայելով զոքանչի բեղավոր նիհարած դեմքին։ Նա փորձեց ժպտալ և որևէ քաջալերող խոսք ասել։ Բայց ստացվեց վայրենի ժպիտ, իսկ քաջալերող խոսք բոլորովին չգտնվեց։ Իպոլիտ Մատվեևիչի կոկորդից դուրս պրծավ միայն անհարմար մի ծվծվոց։

― Իպոլիտ,― կրկնեց զոքանչը,― հիշո՞ւմ եք մեր հյուրասենյակի գորնիտուրը։

― Ո՞րը,― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը այն սիրալիրությամբ, որ հնարավոր է լոկ շատ հիվանդ մարդկանց նկատմամբ։

― Այն․․․ Անգլիական չթով պաստառված․․․

― Ա՛խ, իմ տա՞նը։

― Այո, Ստարգրորոդում․․․

― Հիշում եմ, շատ լավ եմ հիշում․․․ Բազմոց, մի դյուժին աթոռ և վեցոտնանի կլոր սեղան։ Հիանալի կահույք էր, հաբսյան․․․ Իսկ ինչո՞ւ հիշեցիք։

Բայց Կլավդիա Իվանովնան չկարողացավ պատասխանել։ Նրա դեմքը կամաց֊կամաց սկսեց ծածկվել արջասպի գույնով։ Չգիտես ինչու շնչասպառ էր լինում և Իպոլիտ Մատվեևիչը։ Նա որոշակիորեն հիշեց իր առանձնատան հյուրասենյակը, համաչափ դասավորված ճկած ոտքերով կաղնե կահույքը, մեղրամոմով հարած հատակը, սրճագույն հնօրյա դաշնամուրը և պատերից կախված սև շրջանակները՝ բարձրաստիճան ազգականների դագերոտիպ նկարներով։

Այդ պահին Կլավդիա Իվանովնան փայտե, անտարբեր ձայնով ասաց․

― Աթոռի նստատեղում ես կարել եմ իմ ադամանդները։

Իպոլիտ Մատվեևիչը խեթ֊խեթ նայեց պառավին։

― Ի՞նչ ադամանդ,― հարցրեց նա մեքենայորեն, բայց իսկույն էլ գլխի ընկավ։― Մի՞թե դրանք չէին վերցրել այն ժամանակ, խուզարկելիս։

― Ես ադամանդները թաքցրել էի աթոռի մեջ,― համառորեն կրկնեց պառավը։

Իպոլիտ Մատվեևիչը վեր ցատկեց և, նայելով Կլավդիա Իվանովնային նավթի լամպով լուսավորված դեմքին, հասկացավ, որ նա չի զառանցում։

― Ձեր ադամանդնե՞րը,― բղավեց նա, վախենալով իր ձայնի ուժգնությունից։― Աթոռի մե՞ջ։ Ո՞վ ձեզ սովորեցրեց, ինչո՞ւ ինձ չտվեցիք։

― Ինչպե՞ս կարող էի ձեզ ադամանդ տալ, երբ դուք քամուն էիք տվել իմ աղջկա կալվածքը,― հանգիստ և չարությամբ ասաց պառավը։

Իպոլիտ Մատվեևիչը նստեց և անմիջապես նորից վեր կացավ։ Նրա սիրտը աղմուկով արյան հոսանքներ էր մղում ամբողջ մարմնով մեկ։ Գլուխը սկսել էր դժժալ։

― Բայց դուք հանեցի՞ք դրանք։ Հիմա այնտե՞ղ են։

Պառավը բացասական գլուխն օրորեց։

― Չհասցրի։ Հիշո՞ւմ եք, ինչ արագությամբ և անսպասելիորեն ստիպված եղանք փախչել։ Նրանք մնացին այն աթոռի մեջ, որ դրված էր տերեկոտե լամպի և բուխարիկի արանքում։

― Բայց չէ՞ որ դա խելագարություն է։ Ինչպե՜ս նման եք դուք ձեր աղջկան,― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը լիաթոք։

Եվ արդեն չքաշվելով այն բանից, որ գտնվում է մեռնողի մահիճի մոտ, դղրդոցով մի կողմ հրեց աթոռը և սկսեց անցուդարձ անել սենյակում։ Պառավը անտարբեր հետևում էր Իպոլիտ Մատվեևիչի գործողություններին։

― Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ուր կարող են ընկած լինել այդ աթոռները։ Թե՞ կարծում եք, մի գուցե հլու֊հնազանդ դրված են իմ տան հյուրասենյակում և պսասում են, որ գնանք և վերցնե՞նք ձեր ռեգալիաները։

Պառավը ոչինչ չպատասխանեց։

Զագսի գործավարի քթից պենսնեն կատաղությունից վայր ընկավ և,ոսկյա աղեղով առկայծելով ծնկների մոտ, շրխկաց հատակին։

― Ինչպե՞ս։ Աթոռի մեջ ճխտել յոթանասուն հազարի ադամանդ։ Աթոռի՜, որի վրա հայտնի չէ, թե ով է նստում։

Այդ պահին Կլավդիա Իվանովնան հեծկլտաց և ամբողջ մարմնով ընկավ մահճակալի եզրին։ Նրա ձեռքը, կիսաշրջան գծելով, փորձեց բռնել Իպոլիտ Մատվեևիչին, բայց իսկույն ընկավ մգդական մանուշակագույն վերմակի վրա։

Իպոլիտ Մատվեևիչը, վախից ծվծվալով, նետվեց դեպի հարևանուհին։

― Մեռնո՜ւմ է կարծես։

Գյուղատնտեսի կինը բանիմացորեն խաչակնքվեց և, հետաքրքրությունը չթաքցնելով, ամուսնուն՝ մորուքավոր գյուղատնտեսի հետ միասին վազեց Իպոլիտ Մատվեևիչի տունը։ Ինքը՝ Վորոբյանինովը շշմած վազեց քաղաքային այգի։

Մինչև գյուղատնտեսների զույգը իրենց սպասավորով կարգի կբերեին հանգուցյալի սենյակը, Իպոլիտ Մատվեևիչը թափառում էր այգում, նստարաններին դիպչելով և վաղ գարնան սիրուց փետացած զույգերին թփերի տեղ դնելով։

Իպոլիտ Մատվեևիչի գլխում սատանան գիտե, թե ինչեր էին տեղի ունենում։ Հնչում էին գնչուական երգչախմբերը, լայնակուրծք կանանց նվագախմբերը անընդհատ կատարում էին «տանգո֊ամապա», նրան պատկանում էր մոսկովյան ձմեռը և հետիոտների վրա արհամարհանքով փնչացնող սեվաթույր նժույգը։ Շատ բան էր պատկերանում Իպոլիտ Մատվեևիչին․ և՛ խիստ թանկարժեք նրանջագույն վարտիքները, և՛ լակեյական նվիրվածությունը, և՛ հնարավոր մեկնում Կանն։

Իպոլիտ Մատվեևիչը սկսեց դանդաղ քայլել և հանկարծ դեմ առավ դագաղագործ վարպետ Բեզենչուկի մարմնին։ Վարպետը մուշտակի մեջ փաթաթված քնել էր ծառուղու լայնքով։ Հարվածից նա արթնացավ, փռշտաց և աշխույժ վեր կացավ։

― Մի բարեհաճեք անհանգստանալ, պարոն Վորոբյանինով,― ասաց նա տաք֊տաք, ասես շարունակում էր քիչ առաջ սկսած խոսակցությունը։― Դագաղ ասածդ աշխատանք է սիրում։

― Մեռավ Կլավդիա Իվանովնան,― հաղորդեց պատվիրատուն։

― Է՜հ, երկնային արքայություն նրան,― համաձայնեց Բեզենչուկը։― Վախճանվեց, ուրեմն, պառավը․․․ Պառավները միշտ էլ վախճանվում են․․․ Կամ հոգին տալիս են աստծուն՝ նայած թե ինչ պառավ է։ Ձերն, օրինակ, փոքր էր ու ջանով, նշանակում է, վախճանվել է։ Իսկ, օրինակի համար, ովքեր խոշոր են ու լղար, ընդունված է ասել, որ նրանք հոգին տալիս են աստծուն։

― Այսինքն, ինչպես թե ընդունված է։ Ո՞ւմ մոտ է ընդունված։

― Հենց մեզ մոտ էլ ընդունված է։ Վարպետներիս մոտ։ Այ դուք, օրինակի համար, տեսքով տղամարդ եք, բարձահասակ, թեև լղար։ Թե բան է, աստված ոչ անի, մեռաք, ընդունված է ասել, որ դագաղի բաժին դառանք։ Իսկ էն մարդը, որ առևտրական է, նախկին վաճառականների գիլդիից, նա, նշանակում է, կյանքը քեզ բաշխեց։ Իսկ ով աստիճանով մի քիչ պակաս է, օրինակի համար դռնապանի կամ գյուղացու մեկը, նրա մասին ասում են՝ քոչել է կամ ոտքերը ձգել է։ Բայց երբ մեռնում են ամենազոռբաները, երկաթուղային կոնդուկտորները կամ պետերից մեկնումեկը, ապա ընդունված է ասել, որ գյոռբագոռ է եղել։ Նրանց մասին հենց էդպես էլ ասում են․ «Բա լսե՞լ ես, էն մերը գյոռբագոռ է եղել»։

Մարդկային մահերի այդ տարօրինակ դասակարգումից ցնցված, Իպոլիտ Մատվեևիչը հարցրեց․

― Իսկ եթե դո՛ւ մեռնելու լինես, քո մասին ի՞նչ կասեն վարպետները։

― Ես փոքր մարդ եմ։ Կասեն «փիծել է Բեզենչուկը»։ Էլ ուրիշ ոչինչ չեն ասի։

Ու խստորեն ավելացրեց․

― Ինձ անհնարին է գյոռբագոռ կամ դագաղի բաժին լինել․ մանրեմնրիկ կազմվածք ունեմ ես․․․ Բա դագաղի բանը ո՞նց է լինելու, պարոն Վորոբյանինով։ Մի՞թե առանց ծոպերի ու գլազետի դագաղ եք գնելու։

Բայց Իպոլիտ Մատվեևիչը նորից խորասուզվեց շլացուցիչ երազանքների մեջ, ոչինչ չպատասխանեց և առաջ շարժվեց։ Բեզենչուկը հետևեց նրան, մատների վրա ինչ֊որ բան հաշվելով և ըստ սովորության փնթփնթալով։

Լուսինը վաղուց չքացել էր։ Ձմեռվա պես ցուրտ էր։ Ջրափոսերը նորից պատել էին փխրուն վաֆլանման սառույցով։ Ընկեր Գուբերնսկու անվան փողոցում, ուր դուրս եկան ուղեկիցները, քամին կռիվ էր բռնվել ցուցանակների հետ։ Ստրոպանյան հրապարակի կողմից, իջնող վարագույրի ձայներ հանելով, դուրս պրծավ հրշեջ գումակը՝ նիհար ձիեր լծած։

Հրշեջները, պարուսինե ոտքերը հարփակից կախած, թափահարում էին սաղավարտավոր գլուխները և դիտավորյալ զզվելի ձայներով երգում էին․

Մեր հրշեջ պետին փա՜ռք․․․
Մեր թանկագին ընկեր Նասոսովին փա՜ռք․․․

― Քեֆ են արել Կոլկայի, հրշեջ խմբի պետի տղայի հարսանիքն,― անտարբեր ասաց Բեզենչուկը և մուշտակի տակ քորեց կուրծքը։― Բա մի՞թե առանց գլազետի և առանց որևէ բանի է լինելու։

Հենց այդ պահին Իպոլիտ Մատվեևիչը արդեն ամեն ինչ որոշել էր։ «Կգնամ,― որոշել էր նա,― կգտնեմ։ Իսկ հետո կտեսնենք»։ Եվ ադամանդյա երազանքներում հանգուցյալ զոքանչն անգամ շատ ավելի սիրելի թվաց, քան էր։ Նա դարձավ Բեզենչուկին։

― Սատանա՛ն քեզ հետ։ Արա՛։ Գլազետե՛։ Ծոպերո՛վ։

Մեղավորի հայելին

Ֆրոլ և Լավը եկեղեցու քահանա տեր Ֆյոդոր Վոստրիկովը, մեռնող Կլավդիա Իվանովնային խոստովանեցնելուց հետո, դուրս եկավ Վորոբյանինովի տնից կատարյալ աժիոտաժի մեջ և մինչև տուն հասնելը ողջ ճանապարհն անցավ ցրված նայելով շուրջը և շփոթված ժպտալով։ Ճանապարհի վերջին նրա ցրվածությունը հասավ այն աստիճանի, որ քիչ մնաց ընկներ գավգործկոմի Պետ․ N1 ավտոմեքենայի տակ։ Դուրս գալով դժոխքի մեքենայի բաց թողած մանուշակագույն մշուշի միջից, հայր Վոստրիակովը կատարելապես վրդովվեց և, չնայած պատկառելի աստիճանին ու միջին տարիքին, մնացած ճանապարհն անցավ անպարկեշտ կիսաարշավով։

Տիրուհի Կատերինա Ալեքսանդրովնան ընթրիքի սեղան էր գցում։ Տեր Ֆյոդորը երեկոյան ժամասացությունից ազատ օրերին սիրում էր վաղ ընթրել։ Բայց հիմա, հանելով շլյապան և բամբակած տաք փարաջան, տերհայրն արագ անցավ ննջարան, ի զարմանս տիրուհու փակվեց այնտեղ և խուլ ձայնով սկսեց երգել «Հարժանի․․․»։

Տիրուհին նստեց աթոռին և երկյուղածությամբ շշնջաց․

― Նոր գործ է սկսել․․․

Տեր Ֆյոդորի պոռթկուն հոգին հանգիստ չուներ։ Երբեք նա չէր իմացել, թե ինչ բան է հանգիստը։ Ո՛չ այն օրերին, երբ նա հոգևոր ուսումնարանի սան Ֆեդյա էր, ո՛չ էլ այն ժամանակ, երբ նա բեղավոր սեմինարիստ Ֆյոդոր Իվանովիչ էր։ Սեմինարիայից համալսարան անցնելուց և երեք տարի իրավաբանական ֆակուլտետում սովորելուց հետ Վոստրիակովը 1915 թվականին վախեցավ հնարավոր մոբիլիզացիայից և նորից գնաց հոգևոր գծով։ Սկզբում ձեռնադրվեց սարկավագ, իսկ հետո օծվեց քահանա և նշանակվեց գավառական N քաղաքը։ Եվ միշտ, հոգևոր և քաղաքացիական կարիերայի բոլոր փուլերում, տեր Ֆյոդորը մնում էր շահասեր մարդ։

Հայր Վոստրիկովը երազում էր սեփական մոմի գործարան ունենալ։ Մեղրամոմը հաստ պարաններ փաթաթող գործարանային մեծ թմբկագլանների տեսիլներից հալումաշ եղած տեր Ֆյոդորը հնարում էր զանազան նախագծեր, որոնց իրագործումով նա պետք է ձեռք բերեր հիմնական և շրջանառու կապիտալ՝ Սամարայում վաղուց ի վեր աչք դրած գործարանը գնելու համար։

Մտքերը տեր Ֆյոդորի գլխում ծագում էին անսպասելի կերպով, և նա իսկույն անցնում էր գործի։ Տեր Ֆյոդորն սկսում էր լվացքի մարմարյա սապոն եփել․ փթերով պատրաստում էր, բայց սապոնը, թեև իր մեջ մեծ քանակությամբ ճարպ էր պարունակում, չէր սպանում և բացի այդ եռապատիկ թանկ արժեր, քան «Գութան և մուրճ» կոոպերատիվինը։ Հետո սապոնը խոնավանում էր նախասրահում և քայքայվում, այնպես որ Կատերինա Ալեքսանդրովնան կողքով անցնելիս նույնիսկ լաց էր լինում։ Իսկ հետո սապոնը նետում էին աղբահորը։

Անասնապահական ինչ֊որ ժուռնալում կարդալով, որ ճագարի միսը ճտի պես քնքուշ և համեղ է, որ նրաքն բազմանում են մեծ քանակությամբ և որ նրանց բուծումը կարող է մեծ օգուտներ բերել փութեռանդ տիրոջը, տեր Ֆյոդորը անմիջապես մի կես դյուժին մայր ճագարներ ձեռք բերեց․ և արդեն երկու ամիս հետո Նեռկա շունը, բակն ու տունը լցված ականջավոր էակների անհավատալի քանակությունից վախեցած, փախավ անհայտ ուղղությամբ։ N քաղաքի նզովյալ բնակիչները խիստ պահպանողական դուրս եկան և բացառիկ միահամուռությամբ չէին գնում Վոստրիկովի ճագարները։ Այդ ժամանակ տեր Ֆյոդորը, իրիցկնկա հետ խորհրդակցելուց հետո, որոշեց իր մենյուն զարդարել ճագարներով, որոնց միսը իր համով գերազանցում է ճտի մսին։ Ճագարներից պատրաստում էին տապակած, բիտկի, կոտլետ։ Ճագարներին եփում էին սուպի մեջ, սառը վիճակում մատուցում էին ընթրիքին և խորովում խմորի մեջ։ Դա ոչ մի արդյունք չտվեց։ Տեր Ֆյոդորը հաշվեց, որ բացառապես ճագարային օրապարենի անցնելու դեպքում ընտանիքը կարող է մի ամսվա ընթացքում ուտել քառասունից ոչ ավելի ճագար, մինչդեռ ամսական աճը կազմում է իննսուն ճագար, ընդ որում այդ թիվը ամսեամիս ավելանալու էր երկրաչափական պրոգրեսիայով։

Այն ժամանակ Վոստրիկովները որոշեցին տնական ճաշեր տալ։ Տեր Ֆյոդորը ամբողջ երեկոն խնամքով կտրտված թվաբանական թղթերի վրա քիմիական մատիտով հայտարարություն էր գրում՝ տնական համեղ ճաշտր տալու մասին, որոնք պատրաստվում էին բացառապես կովի յուղով։ Հայտարարությունը սկսվում էր «Էժան և համեղ» խոսքերով։ Իրիցկինը էմալե ամանը լիքը լցրեց ալյուրի խուսով, և տեր Ֆյոդորը ուշ իրիկնաժամին հայտարարությունը փակցրեց բոլոր հեռագրասյուներին և սովետական հիմարկների մոտերքը։

Նոր ձեռնարկը մեծ հաջողություն ունեցավ։ Հենց առաջին օրը ներկայացան յոթ հոգի, այդ թվում զինկոմիսարիատի գործավար Բենդինը և բարեկարգման ենթաբաժնի վարիչ Կոզլովը, որի ջանքերով վերջերս քանդվել էր քաղաքի միակ հնության հուշարձանը՝ ելիզավետինյան ժամանակների Հաղթական կամարը, որն, իր ասելով, խանգարում էր փողոցային շարժմանը։ Նրանց բոլորին էլ ճաշը շատ դուր եկավ։ Հետևյալ օրը ներկայացան տասնչորս հոգի։ Չէին հասցնում ճագարներին քերթել։ Մի ամբողջ շաբաթ գործը հիանալի էր գնում, և տեր Ֆյոդորն արդեն ծրագրում էր մուշտակագործության մի փոքրիկ, առանց մոտորի արտադրություն բացելու մասին, երբ տեղի ունեցավ բոլորովին չնախատեսված մի դեպք։

«Գութան և մուրճ» կոոպերատիվը, որը երեք շաբաթ է ինչ փակ էր ապրանքների վերահաշվառման պատճառով, բացվեց, և խանութի գործակատարները տեր Ֆյոդորենց հարևան բակը գլորեցին մի տակառ նեխած կաղամբ ու թափեցին աղբահորը։ Նրբագրգիռ հոտով գրավված ճագարները վազեցին դեպի հորը և հենց հետևյալ առավոտ նուրբ կրծողների մեջ համաճարակ սկսվեց։ Ընդամենը երեք ժամ մոլեգնեց այն, բայց տեղն ու տեղը պառկեցրե ցերկով հարյուր քառասուն մայր ճագարի և նրանց անհաշիվ սերունդը։

Շշմած տեր Ֆյոդորն ամբողջ երկու ամիս սսկվել էր և միայն հիմա ոգևորվեց, երբ վերադարձավ Վորոբյանինովի տնից և ի զարմանս տիրուհու փակվեց ննջարանում։ Ամեն ինչ ցույց էր տալիս, որ տեր Ֆյոդորը պայծառացել է մի նոր գաղափարով, որը համակել է նրա բովանդակ հոգին։

Կատերինա Ալեքսանդրովնան կորացրած մատի կոճիկով բախեց ննջարանի դուռը։ Պատասխան չկար, միայն երգը ուժեղացավ։ Մի րոպե անց դուռը կիսով չափ բացվեց, և ճեղքից երևաց միայն տեր Ֆյոդորի դեմքը, որի վրա կուսական կարմրություն էր խաղում։

― Շուտ ինձ մկրատ տուր, տիրուհի,― արագ֊արագ վրա տվեց տեր Ֆյոդորը։

― Բա ընթրի՞քը։

― Լա՜վ, հետո։

Տեր Ֆյոդորը ճանկեց մկրատը, նորից փակեց և մոտեցավ քերծված սև շրջանակով պատի հայելուն։

Հայելու կողքին կախված էր ժողովրդական մի հին նկար՝ «Մեղավորի հայելին», տպված պղնձե տախտակից և հաճելիորեն ձեռքով ներկած։ «Մեղավորի հայելին» առանձնապես սփոփում էր տեր Ֆյոդորին ճագարներին պատահած դժբախտությունից հետո։ Պարզաճաշակ այդ նկարը ցույց էր տալիս երկնային ամեն բանի ունայնությունը։ Վերևի շարքում նշանակալից և հոգին խաղաղեցնող չորս նկար կար՝ սլավոնական հյուսագրով մակագրված «Սիմը աղոթք է մրմջում, Քամը ցորեն է ցանում, Հաբեթը իշխանություն ունի, Մահը իշխում է բոլորին»։ Մահը գերանդիով էր և ավազի թևավոր ժամացույցով։ Նա ասես պրոտեզներից և օրթոպեդիկ մասերից սարքած լիներ և ոտքերը լայն չռած կանգնել էր բլրավետ ամայի հողի վրա։ Նրա տեսքը պարզ ասում էր, թե ճագարների անհաջողությունը դատարկ բան է։

Հիմա տեր Ֆյոդորին ավելի շատ դուր էր գալիս «Հաբեթը իշխանություն ունի» նկարը։ Հաստափոր ու մորուքավոր հարուստ մի մարդ փոքրիկ դահլիճում նստել էր գահի վրա։

Տեր Ֆյոդորը ժպտաց, և, ուշադիր նայելով հայելու մեջ, սկսեց խուզել իր բարեձև մորուքը։ Մազերը թափվում էին հատակին, մկրատը չխկչխկում էր, և հինգ րոպեից հետո տեր Ֆյոդորը համոզվեց, որ ինքը բնավ չի կարող մորուք խուզել։ Մորուքը դուրս եկավ մի կողմի վրա խուզած, անվայելուչ և նույնիսկ կասկածելի։

Մի քիչ էլ հայելու առջև ցցվելուց հետո տեր Ֆյոդորը չարացավ, կանչեց կնոջը և, մկրատը նրան մեկնելով, ջղայնացած ասաց․

― Գոնե դու օգնիր ինձ, տիրուհի։ Ոչ մի կերպ չեմ կարողանում էս մազերիս հախից գալ։

Տիրուհին զարմանքից նույնիսկ ձեռքերը ետ տարավ։

― Այդ ի՞նչ ես արել,― վերջապես ասաց նա։

― Ոչինչ չեմ արել։ Խուզվում եմ։ Օգնիր, խնդրում եմ։ Այս կողմերը կարծես մի քիչ ծուռ է ստացվել․․․

― Աստվա՜ծ իմ,― ասաց տիրուհին, հարձակվելով տեր Ֆյոդորի խոպոպիկների վրա,― մի՞թե, Ֆեդենկա, պատրաստվում ես անցնելու նորոգչականների կողմը։

Խոսակցության նմանօրինակ ընթացքը ուրախացրեց տեր Ֆյոդորին։

― Իսկ ինչո՞ւ, տիրուհի, չանցնեմ նորոգչականների կողմը։ Նրանք մարդիկ չե՞ն, ինչ է։

― Մարդիկ, իհարկե, մարդիկ են,― թունոտ համաձայնեց տիրուհին,― ինչպե՜ս չէ․ կինոներ են գնում, ալիմենտ են վճարում։

― Դե, ես էլ կինոները կվազեմ։

― Վազիր խնդրեմ։

― Ե՛վ կվազեմ։

― Քթիցդ կգա։ Ապա մի հայելու մեջ նայիր քեզ։

Եվ իրոք, հայելուց տեր Ֆյոդորին էր նայում սևաչյա կայտառ մի դեմք՝ փոքրիկ տարօրինակ մորուքով և անհեթեթորեն երկար բեղերով։

Սկսեցին խուզել բեղերը, հասցնելով նրանց համեմատական չափսերի։

Հետագա արարքներն էլ ավելի զարմացրին տիրուհուն։ Տեր Ֆյոդորը հայտնեց, որ հենց այս երեկո գործով մեկնելու է, և պահանջեց Կատերինա Ալեքսանդրովնայից վազել հացթուխ եղբոր մոտ՝ մի շաբաթով վերցնել նրանից ոչխարի օձիքով վերարկուն և դարչնագույն բադանման կարտուզը։

― Ո՛չ մի տեղ չեմ գնա,― հայտարարեց տիրուհին ու լաց եղավ։

Տեր Ֆյոդորը կես ժամի չափ քայլեց սենյակում և իր փոխված դեմքով կնոջը վախեցնելով, անհեթեթություններ էր դուրս տալիս։ Տիրուհին մի բան միայն հասկացավ․ տեր Ֆյոդորն առանց որևէ պատճառի մազերը կտրել է, ուզում է հիմար կարտուզով մեկնել անհայտ ուղղությամբ, իսկ իրեն թողնում է։

― Չեմ թողնում,― պնդրում էր տեր Ֆյոդորը,― չեմ թողնում, մի շաբաթից կվերադառնամ։ Ախր մարդ կարող է մի գործ ունենալ։ Կարո՞ղ է, թե չի կարող։

― Չի կարող,― ասում էր իրիցկինը։

Տեր Ֆյոդորը, որը մերձավորների հետ հեզ ու խոնարհ էր, ստիպված եղավ բռունցքը խփել սեղանին։ Ու թեպետ նա խփում էր շատ զգույշ և անշնորհք կերպով, քանզի առաջներում երբեք այդ բանը չէր արել, այնուամենայնիվ իրիցկինը շատ վախեցավ և, շալը գլխին գցելով, վազեց եղբոր մոտ քաղաքացիական հագուստ բերելու։

Մենակ մնալով, տեր Ֆյոդորը մի րոպե մտածեց և ասաց․ «Կանանց բանն էլ դժվար է», և մահճակալի տակից դուրս քաշեց թիթեղապատ սնդուկը։ Նման սնդուկներ մեծ մասամբ պատահում են կարմիրբանակայինների մոտ։ Նրանք սոսնձված են լինում զոլավոր պաստառներով, որոնց վրա փակցված է Բուդյոննու դիմանկարը կամ «ՊլյաԺ» ծխախոտատուփի ստվարաթուղթը՝ երեք գեղեցկուհիներ պառկել են Բաթումի կոպիճով պատված ծովափին։ Վոստրիկովների սնդուկը ևս, ի դժգոհություն տեր Ֆյոդորի, սոսնձված էր նկարներով, բայց այնտեղ ո՛չ Բուդյոննի կար, ո՛չ Բաթումի գեղեցկուհիներ։ Իրիցկինը սնդուկի ամբողջ ներսը պատել էր «1914 թվականի պատերազմի տարեգիր» ժուռնալից կտրած լուսանկարներով։ Այստեղ կար և՛ «Պերեմիշլի գրավումը», և՛ «Դիրքերում տաք հագուստների բաժանումը զինվորներին» և էլ ինչեր ասես որ չկար։

Հատակին դարսելով վերևում դրված գրքերը՝ «Ռուս ուխտավոր» ամսագրի 1903 թվականի կոմպլեկտը, «Հերձվածի պատմությունը» հաստ գիրքը և «Ռուսները Իտալիայում» բրոշյուրը, որի կազմի վրա տպագրված էր ծխացող Վեզուվը, տեր Ֆյոդորը ձեռքը կոխեց մինչև սնդուկի հատակը և դուրս քաշեց կնոջ հնամաշ, գջլտված ձմեռային գլխարկը։ Նավթալինի հոտը հանկարծ դիպավ տեր Ֆյոդորի քթին և նա, աչքերը կկոցելով, պատառոտեց ժանյակներն ու միջադիր կտորենրը և գլխարկի միջից հանեց քաթանե ծանր մի երշիկ։ Երշիկն իր մեջ պարունակում էր քսան հետ ոսկյա տասանոց՝ այն ամենը, ինչ մնացել էր տեր Ֆյոդորի առևտրական արկածախնդրություններից։

Ձեռքի սովոր շարժումով նա բարձրացրեց փարջայի փեշը և երշիկը կոխեց զոլավոր շալվարի գրպանը։ Ապա մոտեցավ կոմոդին և կոնֆետի տուփից հանեց հիսուն ռուբլի՝ երեքնոցներով և հնգանոցներով։ Տուփի մեջ դեռ մնում էր քսան ռուբլի։

― Տանը կհերիքի,― որոշեց նա։

Հեռավոր ուղևորությունների մուսան

Իրիկվա փոստատար գնացքի ժամանումից մի ժամ առաջ տեր Ֆյոդորը կարճ, մինչև ծնկները հասնող վերարկուով և հյուսկեն զամբյուղով, դրամարկղի մոտ կանգնել էր հերթի և ահուդողով նայում էր մուտքի դռներին։ Նա վախենում էր, թե տիրուհին հակառակ իր պնդումների կվազի կայարան ճանապարհ գցելու, և այդ պահին փոքրիկ կրպակի վարիչ Պրուսիսը, որ բուֆետում նստած գարեջրով հյուրասիրում է ֆինտեսչին, անմիջապես կճանկի իրեն։ Տեր Ֆյոդորը զարմանքով և ամոթով էր նայում բոլոր աշխարհականների աչքերի առջև բաց իր զոլավոր շալվարին։

Անպլացկարտ գնացքի նստեցումը սովորականի պես սկանդալային բնույթի էր։ Ուղևորները հսկայական պարեկրի ծանրության տակ կքած վազում էին գնացքի գլխից մինչև պոչը և պոչից մինչև գլուխը։ Տեր Ֆյոդորը շշկլած բոլորի հետ վազում էր։ Նա ևս մյուսների պես ուղեկցողների հետ խոսում էր քծնող ձայնով, մյուսների պես վախենում էր, թե գանձապահը իրեն «սխալ» տոմս է տվել և վերջապես վագոն ներս թողնելուց հետո միայն վերստացավ իր նախկին հանդարտ վիճակը և նույնիսկ փոքր ինչ ուրախացավ։

Շոգեքարշը ճչաց լիաթոք, և գնացքը շարժվեց, տեր Ֆյոդորին հետ տանելով դեպի խորհրդավոր, բայց, ինչպես երևում է, մեծ օգուտներ խոստացող անհայտ հեռուները։

Հետաքրքիր բան է երկաթուղագծի օտարման շերտը։ Ամենասովորական քաղաքացին, ընկնելով այնտեղ, զգում է իրեն մի տեսակ բազմահոգ և արագ դառնում է կամ ուղևոր, կամ բեռ ստացող կամ պարզապես անտոմս մի ավարա, որը սևացնում է կոնդուկտորական բրիգադաների և կառամատույցային հսկիչների կյանքն ու պաշտոնական գործունեությունը։

Այն րոպեից, երբ քաղաքացին մտնում է օտարման շերտը, որին նա դիլետանտորեն կայարան կամ վոկզալ է անվանում, նրա կյանքը շեշտակի փոխվում է։ Անմիջապես նրա վրա են արշավում սպիտակ գոգնոցներով և կրծքներին նիկելե թիթեղիկներ ունեցող Երմակ Տիմոֆեևիչները և ծառայակամորեն ճանկում բագաժը։ Այդ րոպեից արդեն քաղաքացին ինքն իրեն չի պատկանում։ Նա ուղևոր է և սկսում է կատարել ուղևորի բոլոր պատրականությունները։ Այդ պարտականությունները բազմաբարդ են, բայց հաճելի։

Ուղևորը խիստ շատ ուտում է։ Հասարակ մահկանացուները գիշերները չեն ուտում, բայց ուղևորը ուտում է և գիշերը։ Ուտում է նա տապակած ճուտ, որը թանկ է նրա համար, պինդ խաշած ձվեր, որոնք վնաս են ստամոքսին, և ձիաթպտուղ։ Երբ գնացքը կտրում անցնում է սլաքը, դարակներում չխկրտում են բազմաթիվ թեյամաններ և վեր֊վեր են թռչում թերթերի մեջ փաթաթված ոտազուրկ ճտերը, որոնց ոտքերը արմատահան են արել ուղևորները։

Բայց ուղևորները այդ ամենը չեն նկատում։ Նրանք անեկդոտներ են պատմում։ Յուրաքանչյուր երեք րոպեն մեկ կանոնավոր կերպով ամբողջ վագոնը պայթում է ծիծաղից։ Ապա տիրում է լռություն, և թավշյա մի ձայն զեկուցում է հերթական անեկդոտը․

― Մեռնում է ծեր հրեան։ Մոտը կինն է կանգնած, երեխաները։ «Իսկ Մոնյան այստե՞ղ է»,― հազիվ֊հազ հարցնում է հրեան։ «Այստեղ է»։― «Իսկ Բրանա մորաքույրը եկե՞լ է»։―«Եկել է»։―«Իսկ ո՞ւր է տատիկը։ Ես նրան չեմ տեսնում»։―«Հրես կանգնած է»։―«Իսկ Իսա՞կը»։―«Իսակն այստեղ է»։―«Բա երեխեքը»։―«Ահա բոլոր երեխաները»։―«Բա ո՞վ է մնացել խանութում»։

Հենց նույն վայրկյանին թեյամանները սկսվում են չխկ֊չխկալ, և ճտերը որոտընդոստ ծիծաղից անհանգստացած ցատկոտում են վերի թարքերում։ Բայց ուղևորները այդ բանը չեն նկատում։ Ամեն մեկի սրտում մի նվիրական անեկդոտ կա, որը թպրտալով սպասում է իր հերթին։ Նոր կատարողը, արմուկնով հարևաններին հրելով և աղերսագին «Ա՜յ ինձ պատմել են» բղավելով՝ դժվարությամբ գրավում է ուշադրությունը և սկսում․

― Մի հրեա տուն է գալիս ու պառկում կնոջ կողքին։ Հանկարծ նա լսում է՝ մահճակալի տակ ինչ֊որ մեկը քրովում է։ Հրեան ձեռքը կոխում է մահճակալի տակը և հարցնում․ «Այդ դո՞ւ ես, Ջեկ»։ Իսկ Ջեկը լիզում է նրա ձեռքն ու պատասխանում․ «Այդ ես եմ»։

Ուղևորները մեռնում են ծիծաղից, մութ գիշերը ծածկում է դաշտերը, շոգեքարշի ծխնելույզից թեթևսոլիկ կայծեր են դուրս թռչում, և պայծառ ու կանաչ ակնոցներով բարալիկ սեմաֆորները փափկանկատորեն անցնում են կողքով՝ նայելով գնացնքերի վերևից։

Հետաքրքի՜ր բան է օտարման շերտը։ Երկրի բոլոր կողմերն են վազում հեռավոր ուղևորման ծանր ու երկար գնացքներ։ Ճանապարհը բաց է ամենուրեք։ Ամեն տեղ վառվում է կանաչ կրակը՝ ճանապարհն ազատ է։ Բևեռային ճեպընթացը բարձրանում է Մուրմանսկ։ Սլաքի վրա կռանալով և կուչ գալով, Կուրսկի կայարանից դուրս է պրծնում «Առաջին―Կ»֊ն ճամփա հարթելով դեպի Թիֆլիս։ Հեռավոր արևելյան ճեպընթացը շրջանցում է Բայկալը, թափընթաց մոտենալով Խաղաղ օվկիանոսին։

Հեռավոր ուղևորության մուսան հրապուրում֊կանչում է մարդուն։ Նա արդեն պոկել է տեր Ֆյոդորին գավառական խաղաղ օթևանից և նետել չգիտես թե որ նահանգը։ Ազնվականության նախկին պարագլուխ, իսկ այժմ զագսի գործավար Իպոլիտ Մատվեևիչը ևս անհանգստացած է ներքուստ և սատանան գիտե՝ թե ինչ մտադրություններ ունի։

Մարդիկ շրջում են երկրում։ Մեկը ծառայության վայրից տասը հազար կիլոմետր հեռավորության վրա իր համար շողշողուն հարսնացու է ճարում։ Մյուսը գանձի ետևից ընկած թողնում է փոստ֊հեռագրական բաժանմունքը և վազում Ալդան։ Իսկ երրորդը հենց այնպես էլ նստում է տանը, սիրով շոյում է հասունացած ճողվածքը և կարդում մի ռուբլու փոխարեն հինգ կոպեկով գնած կոմս Սալիասի երկասիրուրությունը։

Թաղման երկրորդ օրը,― իսկ թաղման կազմակերպումը սիրալիր կերպով իր վրա էր վերցրել դագաղագործ վարպետ Բեզենչուկը,― Իպոլիտ Մատվեևիչը գնաց ծառայության և, կատարելով իր վրա դրած պարտականությունները, սեփական ձեռքով գրանցնեց հիսունինը տարեկն, տնային տնտեսուհի, անպարտիական, գավառական N քաղաքի բնակչուհի և ծագումով Ստարգորոդյան նահանգի ազնվականներից սերած Կլավդիա Իվանովնա Պետուխովայի մահը։ Այնուհետև Իպոլիտ Մատվեևիչը խնդրելով վերցրեց իր՝ օրենքով հասնելիք երկու շաբաթվա արձակուրդը, ստացավ քառասունմեկ ռուբլի արձակուրդային դրամ և աշխատակիցներին մնաս բարով ասելով գնաց տուն։ Ճանապարհին նա մտավ դեղատուն։

Դեղագործ Լեոպոլդ Գրիգորևիչը, որին տնեցիները և բարեկամները Լիպա էին անվանում, կանգնել էր կարմիր լաքած վաճառասեղանի ետևում՝ շրջապատված թույնի կաթնագույն բանկաներով և ներվայնությամբ հրշեջ պետի զոքանչին վաճառում էր «կրեմ անգո, արևայրուկի և պեպենների դեմ, բացառիկ սպիտակություն է տալիս մաշկին»։ Սակայն հրշեջ պետի զոքանչը պահանջում էր «պուդրա Ռաշել ոսկեգույն, մարմնին տալիս է հավասար, բնության մեջ անհասանելի արևայրուկ»։ Բայց դեղատանը միայն կերմ Անգո կար՝ արևայրուկի դեմ, և պարֆյումերիայի այդչափ հակադիր արտադրանքների պայքարը տևեց կես ժամ։ Հաղթեց այնուամենայնիվ Լիպան, որը հրշեջ պետի զոքանչին ծախեց շրթունքի պոմադա և փայտոջիլաեռ․ ինքնաեռի սկզբունքով կառուցած, բայց արտաքուստ ցնցուղի տեսք ունեցող մի անոթ։

― Ի՞նչ կկամենայիք։

― Մազերի դեղ։

― Աճելցնելո՞ւ, ոչնչացնելո՞ւ, ներկելո՞ւ։

― Ի՜նչ աճեցում,― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։― Ներկելու։

― Ներկելու համար ունենք հիանալի բուժամիջոց «Տիտանիկ»։ Ստացված է մաքսատնից։ Կոնտրաբանդ ապրանք է։ Չի լվացվում ո՛չ սառը ջրով, ո՛չ տաք, ո՛չ սապոնի փրփուրով, ո՛չ նավթով։ Արմատական սև գույն։ Կես տարվա սրվակն արժե երեք ռուբլի տասներկու կոպեկ։ Հանձնարարում եմ իբրև լավ ծանոթի։

Իպոլիտ Մատվեևիչը շուռումուռ տվեց ձեռքում «Տիտանիկի» քառակուսի սրվակը, հառաչանքով նայեց պիտակին ու փողը դրեց վաճառասեղանի վրա։

Իպոլիտ Մատվեևիչը տուն վերադարձավ և զզվելով սկսեց «Տիտանիկով» ջրել գլուխն ու վիզը։ Բնակարանում գարշահոտություն տարածվեց։

Ճաշից հետո գարշահոտը պակասեց, բեղերը չորացել, կպել էին և միայն մեծ դժվարությամբ էր հնարավոր սանրել։ Արմատական սև գույնը մի քիչ կանաչավուն երանգով ստացվեց, բայց երկրորդ անգամ ներկելու ժամանակ չուներ։

Իպոլիտ Մատվեևիչը զոքանչի զարդատուփից հանեց նախօրյակին գտած թանկարժեք իրերի ցուցակը, հաշվեց մոտն եղած կանխիկ դրամը, փակեց բնակարանը, բանալին թաքցրեց ետևի գրպանում, նստեց N7 արագընթաց գնացքը և մեկնեց Ստարգորոդ։

Մեծ կոմբինատորը

Տասներկուսի կեսին հյուսիս֊արևմուտքից, Չմարովկա գյուղի կողմից, Ստարգորոդ մտավ քսանութ տարեկան մի երիտասարդ։ Նրա հետևից վազում էր մի խուժան։

― Քեռի,― զվարթ կանչում էմուսր նա,― տասը կոպեկ տուր։

Երիտասարդը գրպանից հանեց տաքացած մի խնձոր և տվեց խուժանին, բայց նա ձեռք չէր քաշում։ Այդ ժամանակ հետիոտնը կանգ առավ, հեգնորեն նայեց տղային և կամացուկ ասաց․

― Միգուցե քեզ պետք է տալ այն բնակարանի բանալին, որտեղ փո՞ղ է դրված։

Չափ ու սահմանն անցկացրած խուժանը հասկացավ իր պահանջների ողջ անհիմնությունը և ձեռք քաշեց։

Երիտասարդը խաբեց․ նա ո՛չ փող ուներ, ո՛չ բնակարան, ուր կարող էր փող դրված լինել, ո՛չ բանալի, որով կարելի էր բացել բնակարանի դուռը։ Նա նույնիսկ վերարկու չուներ։ Երիտասարդը քաղաք մտավ գոտկատեղում նեղ, կանաչ կոստյումով։ Նրա հուժկու վիզը մի քանի անգամ փաթաթված էր բրդե հին շարֆով, ոտքերին լաքած կոշիկներ էին՝ զամշե նարնջագույն երեսով։ Կոշիկների տակ գուլպաներ չկային։ Ձեռքին երիտասարդը բռնած ուներ աստրոլյաբիա[1]:

«Օ բայադե՜րկա, տի֊րի֊րիմ, տի֊րի֊րա»,― երգեց նա, մոտենալով շուկային։

Այստեղ նրա համար շատ գործ ճարվեց։ Նա խցկվեց հնոտիավաճառանոցում առևտուր անողների շարքերը, առջևը դրեց աստրոլյաբիան և սկսեց լուրջ ձայնով բղավել․

― Ո՞ւմ տամ աստրոլյաբիա։ Էժան աստրոլյաբիա է ծախվում։ Պատգամավորներին և կինբաժիններին զեղչ։

Անսպասելի առաջարկը երկար ժամանակ պահանջարկ չէր ծնում։ Տնային տնտեսուհների պատգամավորությունները ավելի շատ հետաքրքրվում էին դեֆիցիտային ապրանքներով և խռնվում էին մանուֆակտուրային կրպակների շուրջը։ Աստրոլյաբիա վաճառողի կողքով երկու անգամ անցավ Ստարգուբռոզիսկի գործակալը։ Բայց քանի որ աստրոլյաբիան ոչ մի բանով նման չէր Մասլոցենտրի գրասենյակից երեկ գողացած գրամեքենային, գործակալը դադարեց երիտասարդին աչքերով հիպնոսելուց և հեռացավ։

Ճաշվա կողմ աստրոլյաբիան երեք ռուբլով ծախվեց մի փականագործի։

― Ինքն էլ չափում է,― ասաց երիտասարդը, աստրոլյաբիան գնորդին հանձնելվ,― միայն թե չափելու բան լինի։

Ուրախ երիտասարդը, բարդ գործիքից ազատագրվելով, ճաշեց «Համի անկյուն» ճաշարանում և գնաց քաղաքը դիտելու։ նա անցավ Սովետական փողոցով և դուրս եկավ Կարմիր֊բանակային (նախկին Մեծ Պուշկինյան) փողոցը, կտրեց անցավ Կոոպերատիվայինը և նորից հայտնվեց Սովետական փողոցի վրա։ Բայց դա արդեն այն Սովետականը չէր, որով անցել էր․ քաղաքում երկու Սովետական փողոց կար։ Բացական զարմանալով այդ հանգամանքի վրա, երիտասարդը հայտնվեց Լենայի դեպքերի փողոցում (նախկին Դենիսովյան)։ Երկհարկանի գեղեցիկ N28 առանձնատան մոտ, որն ուներ

ՍՍՌՄ, ՌՍՖՍՌ ՍՏԱՐՆԱՀԱՆԳՍՈՑԱՊԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2֊ՐԴ ՏՈՒՆ

ցուցանակը, երիտասարդը կանգ առավ, որպեսզի ծխախոտը կպցնի դռնապանից, որը նստել էր դարբասի մոտ, քարե նստարանին։

― Իսկ ի՞նչ է, հայրիկ,― հարցրեց երիտասարդը, ծուխը ներս քաշելով,― ձեր քաղաքում հարսանցուներ կա՞ն։

― Մարդ կա որ մատակն էլ նրա համար հարսնացու է,― պատասխանեց նա, սիրով խոսակցության բռնվելով։

― Այլևս հարցեր չունեմ,― արագ վրա բերեց երիտասարդը։

Եվ անմիջապես նոր հարց տվեց․

― Այսպիսի տուն ու առանց հարսնացուի՞։

― Մեր հարսնացուներին,― առարկեց դռնապանը,― վաղո՜ւց էն աշխարհում ճրագով են փնտրում։ Մեզ մոտ էստեղ պետական անկելանոց է․ պառավներ են ապրում լրիվ պենսիոնով։

― Հասկանում եմ։ Այդ նրանք են, որոնք մինչև պատմական մատերիալիզմն են ծնվել։

― Էդ մեկը ճիշտ է։ Երբ ծնվել են, էն վախտ էլ ծնվել են։

― Իսկ այս տանը ի՞նչ կար մինչև պատմական մատերիալիզմը։

― Ե՞րբ ինչ կար։

― Այն ժամանակ, հին ռեժիմի։

― Հին ռեժիմի ժամանակ իմ աղան էր ապրում։

― Բուրժո՞ւյ։

― Ինքդ ես բուրժույ։ Ասացի քեզ՝ ազնվականների պարագլուխ։

― Պրոլետա՞ր, ուրեմն։

― Ինքդ ես պրոլետար։ Ասացի քեզ՝ պարագլուխ։

Խոսակցությունը խելոք դռնապանի հետ, որը լավ գլուխ չէր հանում հասարակության դասակարգային կառուցվածքից, դեռ աստված գիտե որքան ժամանակ կշարունակվեր, եթե երիտասարդը վճռական կերպով գործի չանցներ

― Ահա թե ինչ, պապի,― ասաց նա,― վատ չէր լինի գինի խմեինք։

― Դե, հյուրասիրիր։

Մի ժամով երկուսն էլ անհետացան, իսկ երբ վերադարձան, դռնապանն արդեն երիտասարդի ամենահավատարիմ բարեկամն էր։

― Ուրեմն քեզ մոտ կգիշերեմ,― ասում էր նոր բարեկամը։

― Թեկուզ ամբողջ կյանքդ ապրի, մի բան որ լավ մարդ ես։

Հյուրը, այդպես արագ իր նպատակին հասնելով, շտապով իջավ դռնապանի սենյակը, հանեց նարնջագույն կոշիկները և մեկնվեց նստարանին, մտորելով վաղվա գործունեության ծրագիրը։

Երիտասարդին կոչում էին Օստապ Բենդեր։ Սովորաբար նա իր կենսագրությունից միայն մի մանրամասնություն էր հաղորդում․ «Իմ հայրը,― ասում էր նա,― թուրքահպատակ էր»։ Թուրքահպատակի զավակը իր կյանքում շատ զբաղմունքներ էր փոխել։ Բնավորության աշխուժությունը, որը խանգարում էր որևէ գործի նվիրվելու, շարունակ նետում էր նրան երկրի զանազն կողմերը և հիմա բերել էր Ստարգորոդ՝ առանց գուլպաների, առանց բանալու, առանց բնակարանի և առանց փողի։

Դռնապանի գարշահոտության աստիճանի տաք սենյակում պառկած, Օստապ Բենդերը մտքում որոշում էր իր կարիերայի երկու հնարավոր վարիանտները։

Կարելի էր դառնալ բազմակին և հանգիստ տեղափոխվել քաղաքից քաղաք, հետևից քարշ տալով հերթական կնոջից հափշտակած թանկարժեք իրերով լի նոր ճամպրուկը։

Բայց կարելի էր վաղն ևեթ գնալ Ստարգորոդի մանկհանձնաժողովը և առաջարկել նրանց իրենց վրա վերցնելու դեռ չնկարված, բայց հանճարեղորեն մտահղացված, նկարիչ Ռեպինի հանրահայտ «Զապորոժոցները նամակ են գրում սուլթանին» նկարի նմանողությամբ «Բոլշևիկները նամակ են գրում Չեմբեռլենին» նկարի տարածումը։ Հաջողության դեպքում այդ վարիանտը կարող էր չորս հարյուր ռուբլի օգուտ բերել։

Երկու վարիանտներն էլ Օստապի գլխում ծագել էին վերջին անգամ Մոսկվայում գտնվելու օրերին։ Բազմակնության վարիանտը ծագել էր երեկոյան թերթում կարդացած դատական հաշվետվության ազդեցության տակ։ Այնտեղ պարզ ասված էր, որ մի բազմակին մարդ ստացել է ընդամենը երկու տարի առանց խիստ մեկուսացման։ N2 վարիանտը Բենդերի գլխում ծագեց, երբ կոնտրամարկայով դիտում էր ԱԽՌՌ֊ի[2] ցուցահանդեսը։

Սակայն երկու վարիանտներն էլ իրենց թերություններն ունեին։ Առանց զարմանահրաշ, մոխրագույն խալերով կոստյումի անհնարին էր սկսել բազմակնոջ կարիերան։ Բացի այդ, պետք էր ունենալ, գոնե տասը ռուբլի՝ վայելչատեսության և գայթակղեցնելու համար։ Կարելի էր, իհարկե, ամուսնանալ և ճամփորդական կանաչ կոստյումով, որովհետև Բենդերի առնական ուժն ու գեղեցկությունը միանգամայն անվանելի էին գավառական հասած Մարգարիտների համար, բայց դա, ինչպես Օստապն էր ասում, կլիներ «ցածր տեսակի, ոչ մաքուր աշխատանք»։ Պատկերի գործն էլ լավ վիճակում չէր․ կարող էին հանդիպել զուտ տեխնիկական դժվարություններ։ Արդյոք հարմա՞ր է ընկ․ Կալինինին նկարել փափախով և սպիտակ յափունջով, իսկ ընկ․ Չիչերինին՝ մինչև գոտկատեղը մերկ։ Հակառակ դեպքում կարելի է, իհարկե, բոլոր պերսոնաժներին նկարել սովորական կոստյումներով, բայց դա արդեն էն չի լինի։

― Էն էֆեկտը չի ունենա,― արտասանեց Օստապը բարձրաձայն։

Այդ պահին նա նկատեց, որ դռնապանը վաղուց արդեն տաք֊տաք խոսում է ինչ֊որ բանի մասին։ Պարզվեց, որ դռնապանը անձնատուր է եղել նախկին տանջիրոջ վերաբերյալ հիշողություններին․

― Ոստիկանապետը նրան պատիվ էր տալիս․․․ Գնում էիր մոտը, ասենք թե նոր տարվա օրը շնորհավորելու, երեքնոց էր տալիս․․․ Զատկին, օրինակի համար ասենք, էլի երեքնոց։ Ու ասենք թե նրանց անվանակոչության օրն ես շնորահվորում․․․ Է՜, միայն էդ շնորհավորանքներից տարեկան տասնհինգ ռուբլի փող էր գալիս․․․ Ինձ հալա խոստացել էր մեդալ տալ։ «Ես, ասում էր, ուզում եմ, որ իմ դռնապանը մեդալով լինի»։ Հենց էդպես էլ ասում է․ «Դու, Տիխոն, քեզ արդեն մեդալով հաշվիր․․․»։

― Հետո ինչ, տվեցի՞ն։

― Կաց հալա․․․ «Ինձ, ասում էր, անմեդալ դռնապան պետք չէ»։ Սանկտ֊Պետերբուրգ գնաց մեդալ բերելու։ Դե առաջին անգամը, ասել է պետք, բան դուրս չեկավ։ Պարոնայք չինովնիկները չուզեցին։ «Թագավորն, ասում է, արտասհաման է գնացել, հիմա հնարավոր չէ»։ Աղաս ինձ հրամայեց սպասել։ «Դու, ասում է, Տիխոն, սպասի, առանց մեդալ չես մնա»։

― Իսկ քո աղին շրխկացրե՞լ են, ինչ է,― անսպասելի հարցրեց Օստապը։

― Ոչ ոք չի շրխկացրել։ Ինքը գնաց։ Ի՞նչ ուներ էստեղ սալդատների հետ նստելու․․․ Իսկ հիմա դռնապանի ծառայության համար մեդալ տալի՞ս են։

― Տալիս են։ Կարող եմ հաջողացնել քեզ համար։

Դռնապանը հարգանքով նայեց Բենդերին։

― Ինձ առանց մեդալի չի լինի։ Ծառայությունս է էդպես։

― Բա ո՞ւր է գնացել քո աղան։

― Ո՞վ գիտի նրա բանը։ Մարդիկ ասում էին, թե Փարիզ է գնացել։

― Ա՜․․․ Սպիտակ ակացիաներ, էմիգրացիայի ծաղիկներ․․․ Ուրեմն, նա էմիգրա՞նտ է։

― Ինքդ ես էմիգրանտ․․․ Մարդիկ ասում են Փարիզ է գնացել։ Իսկ տունը պառավների համար են վերցրել․․․ Դրանց ամեն օր էլ որ շնորհավորես, մի տասկոպեկանոց չես ստանա։ Է՜խ, ի՜նչ աղա էր․․․

Այդ պահին դռան վերևի ժանգոտ զանգը ցնցվեց։ Դռնապանը ոտքերը քարշ տալով մոտեցավ դռանը, բացեց այն և սաստիկ շփոթված ետ ընկրկեց։

Վերևի աստիճանի վրա կանգնել էր սևաբեղ և սևամազ Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը։ Պենսնեի տակ աչքերը փայլում էին մինչպատերազմյան փայլով։

― Աղա՜,― մոլեգնորեն բառաչեց Տիխոնը։― Փարիզի՜ց։

Իպոլիտ Մատվեևիչը, շփոթված, կողմնակի մարդու ներկայությունից, որի մանուշակագույն ոտնաթաթերը հենց նոր տեսավ սեղանի ծայրից, շշկլվեց և այն է ուզում էր փախչել, բայց Օստապ Բենդերը աշխույժ վեր ցատկեց և խոնարհ գլուխ տվեց Իպոլիտ Մատվեևիչին։

― Մեզ մոտ թեև Փարիզ չէ, բայց համեցեք խնդրեմ մեր քողտիկը։

― Բարև, Տիխոն,― հարկադրված էր ասել Իպոլիտ Մատվեևիչը,― ես բնավ էլ Փարիզից չեմ եկել։ Այդ ո՞վ է մտցրել գլուխդ։

Բայց Օստապ Բենդերը, որի երկար ու ազնիվ քիթը տապակածի հոտ էր առնում, թույլ չտվեց դռնապանին նույնիսկ ծպտուն հանելու։

― Հիանալի է,― ասաց նա, աչքերը խեթելով,― դուք Փարիզից չեք։ Իհարկե, դուք եկել եք Կոլոգրիվից ձեր հանգուցյալ տատիկին այցելելու։

Այդպես ասելով, նա քնքշորեն գրկեց շշմած դռնապանին և դուրս տարավ նրան նախքան նրա հասկանալը, թե ինչ պատահեց, իսկ երբ ուշքի եկավ, ապա կարողացավ ըմբռնել միայն այն, որ Փարիզից եկել է իր աղան, որ իրեն՝ Տիխոնին դուրս արեցին դռնապանի սենյակից և որ ձախ ձեռքում սեղմված է մի ռուբլի թղթադրամ։

Դռնապանի ետևից դուռը խնամքով փակելուց հետո, Բենդերը շուռ եկավ դեպի սենյակի մեջտեղում դեռևս կանգնած Վորոբյանինովը և ասաց․

― Հանգիստ, ամեն բան կարգին է։ Իմ ազգանունն է Բենդեր։ Գուցե լսա՞ծ լինեք։

― Չեմ լսել,― ջղայնացած պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Դե իհա՜րկե, Փարիզում որտեղի՞ց կարող էր հայտնի լինել Օստապ Բենդերի անունը։ Տա՞ք է հիմա Փարիզում։ Լա՜վ քաղաք է։ Այնտեղ ես ամուսնացած հորեղբոր աղջիկ ունեմ։ Վերջերս ինձ համար մետաքսյա թաշկինակ էր ուղարկել պատվիրած նամակի մեջ դրած․․․

― Ի՞նչ անհեթեթություն,― բացականչեց Իպոլիտ Մատվեևիչը։― Ի՞նչ թաշկինակ։ Ես Փարիզից չեմ եկել, այլ․․․

― Հիանալի է, հիանալի։ Մորշանսկից։

Իպոլիտ Մատվեևիչը բնավ գործ չէր ունեցել այնպիսի վառ խառնվածքի տեր երիտասարդի հետ, ինչպիսին էր Բենդերը, և իրեն վատ զգաց։

― Էհ, գիտեք ինչ, ես գնալու եմ,― ասաց նա։

― Ո՞ւր եք գնում։ Շտապելու հարկ չկա։ Գեպեուն ինքը կգա ձեզ մոտ։

Իպոլիտ Մատվեևիչը խոսք չգտավ պատասխանելու, արձակեց թավշյա խունացած օձիքով վերարկուի կոճակները և նստեց թախտին, անբարյացակամորեն նայելով Բենդերին։

― Ես ձեզ չեմ հասկանում,― ասաց նա թույլ ձայնով։

― Դա սարսափելի չէ։ Հիմա կհասկանք։ Մի րոպե։

Օստապը բոբիկ ոտքերին հագավ նարնջագույն կոշիկները, ման եկավ սենյակում և սկսեց․

― Դուք ո՞ր սահմանով եք անցել։ Լեհակա՞ն։ Ֆիննակա՞ն։ Ռումինակա՞ն։ Թանկ բավականություն պետք է եղած լինի։ Իմ ծանոթներից մեկը վերջերս անցել էր սահմանը, նա ապրում էր մեր կողմի Սլավուտում, իսկ նրա կնոջ ծնողները՝ մյուս կողմի։ Ընտանեկան գործով նա գժտվել էր կնոջ հետ, իսկ կինը վիրավորվողների ընտանիքից է եղել։ Թքել էր իմ ծանոթի ռեխին և սահմանի վրայով ճղել էր արտասահման՝ ծնողների մոտ։ Այդ ծանոթը մի երեք օր նստեց մենակ և տեսավ, որ գործերը վատ են գնում․ ճաշ չկա, սենյակը կեղտի մեջ կորել է, և որոշեց հաշտվել։ Գիշերը դուրս եկավ և սահմանի վրայով գնաց աներոջ մոտ։ Հենց էդտեղ էլ սահմանապահները նրան բռնեցին, գործ սարքեցին, վեց ամսով նստեցրին և հետո հեռացրին պրոֆմիությունից։ Հիմա, ասում են, կինը, հիմարը, փախել եկել է, մինչդեռ ամուսինը նստած է կալանատանը։ Նա հիմա ուտելիք է տանում ամուսնուն․․․ Դուք է՞լ լեհական սահմանի վրայով եք անցել։

― Ազնիվ խոսք,― արտասանեց Իպոլիտ Մատվեևիչը, անսպասելի կախվածություն զգալով այդ զրուցասեր երիտասարդից, որ կանգնել էր դեպի ադամանդները տանող ճանապարհին,― ազնիվ խոսք, ես ՌՍՖՍՌ հպատակ եմ։ Վերջ ի վերջո ես կարող եմ անձնագիր ցույց տալ․․․

― Արևմուտքում տպագրական գործի զարգացման արդի պայմաններում սովետական անձնագիր տպագրելը այնպիսի մի դատարկ բան է, որ ծիծաղելի է անգամ խոսել դրա մասին․․․ Իմ ծանոթներից մեկը այն տեղն էր հասել, որ նույնիսկ դոլարներ էր տպագրում։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ դժվար է ամերիկյան դոլար կեղծելը։ Նրանց թուղթը գույնզգույն մազեր ունի մեջը։ Տեխնիկայի մեծ գիտելիք է նա։ Նա հաջող կերպով սաղացնում էր այդ դոլարները Մոսկվայի սև բորսայում։ Հետո պարզվեց, որ նրա պապը, վալյուտայի հայտնի սպեկուլյանտ, գնելիս է եղել դրանք Կիևնում և բոլորովին սնանկացել, որովհետև դոլարները այնուամենայնիվ կեղծ էին։ Այնպես, որ դուք ձեր անձնագրով նույնպես կարող եք տուժել։

Իպոլիտ Մատվեևիչը, զայրացած այն բանից, որ ադամանդների եռանդուն որոնումների փոխարեն նստել է դռնապանի գարշահոտ սենյակում և լսում է երիտասարդ անպատկառի շաղակրատանքը՝ իր ծանոթների մութ գործերի մասին, այնուամենայնիվ սիրտ չէր անում գնալու։ Նա ուժեղ վախ էր զգում, երբ մտածում էր, թե այս անհայտ երիտասարդը կարող է դուրս տալ ամբողջ քաղաքով մեկ, թե եկել է նախկին պարագլուխը։ Այդ դեպքում՝ վերջ ամենեցուն։ Դեռ կարող է պատահել, որ նստեցնեն։

― Դուք այնուամենայնիվ ոչ ոքի մի ասեք, թե ինձ տեսել եք,― աղերսանքով ասաց Իպոլիտ Մատվեևիչը,― կարող են իսկապես կարծել, թե ես էմիգրանտ եմ։

― Այդպես, այդպես։ Հանճարեղ միտք է դա։ Նախ և առաջ ակտիվը՝ կա էմիգրանտ, որը վերադարձել է հարազատ քաղաքը։ Պասիվը՝ նա վախենում է, որ իրեն կվերցնեն Գեպեու։

― Ախր հազար անգամ ասացի ձեզ, որ ես էմիգրանտ չեմ։

― Բայց դուք ո՞վ եք։ Ինչո՞ւ եք եկել այստեղ։

― Գործով եկել եմ N քաղաքից։

― Ի՞նչ գործով։

― Անձնական։

― Եվ դրանից հետո դուք ասում եք, թե էմիգրանտ չե՞ք․․․ Իմ ծանոթներից մեկը նույնպես եկել էր․․․

Բենդերի ծանոթների պատմություններով հուսահատության դուռը հասած Իպոլիտ Մատվեևիչը, տեսնելով, որ նրան իր դիրքերից շեղել չի լինի, հնազանդվեց։

― Լավ,― ասաց նա,― ես ձեզ ամեն բան կբացատրեմ։

«Վերջ ի վերջո առանց օգնականի դժվար կլինի,― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով,― բայց մե՜ծ ժուլիկ է երևում։ Այդպիսին կարող է օգտակար լինել»։

Ադամանդե ծուխ

Իպոլիտ Մատվեևիչը հանեց գլխից կաստրոե լաքոտած գլխարկը, սանրեց բեղերը, որոնցից սանրը դիպչելուն պես էլեկտրական կայծերի հախուռն մի երամիկ դուրս թռավ, և, վճռականորեն հազալուց հետո, Օստապ Բենդերին, առաջին հանդիպած այդ սրիկային, պատմեց այն ամենը, ինչ մեռնող զոքանչի ասածներից հայտնի էր իրեն ադամանդների մասին։

Պատմելու ընթացքում Օստապը մի քանի անգամ վեր֊վեր էր թռչում և, դիմելով երկաթյա վառարանին ոգևորված բացականչում էր․

― Սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ, սառույցը շարժվեց։

Իսկ արդեն մի ժամ անց նրանք երկուսով նստել էին երերուն սեղանիկի շուրջը և, գլուխ֊գլխի տված, կարդում էին մի ժամանակ զոքանչի մատները, պարանոցը, ականջները, կուրծքն ու մազերը զարդարող թանկարժեք իրերի ցուցակը։

Իպոլիտ Մատվեևիչը, ամեն րոպե ուղղելով քթի վրա տատանվող պենսնեն, շեշտադրությամբ արտասանում էր․

― Երեք թելաշար մարգարիտ․․․ Լավ հիշում եմ։ Երկուսը՝ քառասունական հուլունքից, իսկ մեկը՝ ամենամեծը, հարյուր տասը։ Ադամանդե կուլոն․․․ Կլավդիա Իվանովնան ասում էր, թե չորս հազար արժե, հնօրյա աշխատանք է․․․

Ապա գալիս էին մատանիները․ ո՛չ նշանադրեքի՝ հաստ, հիմար ու էժան, այլ բարակ, թեթև, մեջը ջինջ, լվացած ադամանդներ ամրացված մատանիներ, ծանր, շլացուցիչ կախազարդեր, որոնք գույնզգույն շողք էին գցում կանացի փոքր ականջի վրա, օձաձև ապարանջնաններ՝ զմրուխտ թեփուկով, ճարմանդավոր մանյակ, որի վրա գնացել է հինգ հարյուր դեսյատինի բերքը․ բարգարտազարդ մանյակ, որը կսազեր միայն օպերային նշանավոր պրիմադոննային։ Այդ ամենի պսակը քառասուն հազարանոց ապարոշն էր։

Իպոլիտ Մատվեևիչը նայեց շուրջը։ Դռնապանի ժանտախտավարակ սենյակի մութ անկյուններում բռնկվում և թրթռում էր գարնանային զմրուխտե լույսը։ Առաստաղի տակ ադամանդե ծուխ էր կանգնել։ Մարգարտյա ուլունքները գլորվում էին սեղանի վրա և թռչկոտում հատակին։ Թանկարժեք մտապատրանքը ցնցում էր սենյակը։

Հուզված Իպոլիտ Մատվեևիչը սթափվեց միայն Օստապի ձայնից։

― Վատ ընտրություն չէ։ Ես տեսնում եմ, որ քարերը ճաշակով են ընտրված։ Որքա՞ն արժեր այդ ամբողջ երաժշտությունը։

― Յոթանասուն֊յոթանասունհինգ հազար։

― Հը՜մ․․․ Նշանակում է, այժմ կարժենա հարյուր հիսուն հազար։

― Մի՞թե այդքան շատ,― ուրախացած հարցրեց Վորոբյանինովը։

― Ոչ պակաս։ Միայն թե դուք, Փարիզից եկած թանկագին ընկեր, թքեցեք այդ ամենի վրա։

― Ինչպե՞ս թքեմ։

― Թքով,― պատասխանեց Օստապը,― ինչպես թքում էին մինչև պատմական մատերիալիզմի դարաշրջանը։ Ոչինչ դուրս չի գա։

― Ինչպե՞ս թե։

― Ահա թե ինչպես։ Քանի՞ աթոռ էր։

― Մի դյուժին։ Հյուրասենյակի գարնիտուր։

― Հավանորեն ձեր հյուրասենյակի գարնիտուրը վաղուց այրվել է վառարանների մեջ։

Վորոբյանինովը այնպես վախեցավ, որ նույնիսկ տեղից վեր կացավ։

― Հանգիստ, հանգիստ։ Այդ գործն ինձ վրա եմ վերցնում։ Նիստը շարունակվում է։ Ի դեպ, ես և դուք պետք է մի փոքրիկ պայմանագիր կնքնենք։

Ծանր շնչող Իպոլիտ Մատվեևիչը գլխի շարժումով տվեց իր համաձայնությունը։ Այդ ժամանակ Օստապ Բենդերը սկսեց մշակել պայմանները։

― Գանձի իրացման դեպքում, ես իբրև կոնցեսիայի անմիջական մասնակից և գործի տեխնիկական ղեկավար, ստանում եմ վաթսուն տոկոսը, իսկ սոցապին կարող եք ինձ համար չվճարել։ Ինձ համար միևնույն է։

Իպոլիտ Մատվեևիչը գունատվեց․

― Օրը ցերեկովթալան է դա։

― Իսկ որքա՞ն էիք մտադիր ինձ առաջարկելու։

― Դե, հինգ տոկոս, դե, վերջնական, տասը։ Հասկացեք ախր, չէ՞ որ տասնհինգ հազար է անում դա։

― Էլ ուրիշ բան չե՞ք կամենում։

― Ոչ։

― Բայց մի գուցե ցանկանում եք, որ ես ձրի՞ աշխատեմ, վրայից էլ տամ այն բնակարանի բանալին, որտեղ փո՞ղ է պահված։

― Այդ դեպքում ներեցեք,― ասաց Վորոբյանինովը քթի մեջ։― Ես բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ մենակ գլուխ կհանեմ այդ գործից։

― Ըհը՛։ Այդ դեպքում ներեցեք,― առարկեց հոյակապ,― ես ևս ոչ պակաս հիմքեր ունեմ, ինչպես ասում էր Էնդի Տակկերը, ենթարդլու, որ ինքս էլ մենակ կկարողանամ գլուխ հանել ձեր գործից։

― Խաբեբա՛,― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը դողալով։

Օստապը սառն էր։

― Լսեցե՛ք, Փարիզից եկած պարոն, իսկ դուք գիտե՞ք, որ ձեր ադամանդները համարյա թե իմ գրպանումն են։ Եվ դուք ինձ հետաքրքրում եք այնքան, որքանով ես ուզում եմ ապահովել ձեր ծերությունը։

Իպոլիտ Մատվեևիչը այստեղ միայն հասկացավ, թե ինչ երկաթյա թաթեր են բռնել իր կոկորդից։

― Քսան տոկոս,― մռայլ ասաց նա։

― Ուտելիքն էլ ինձանի՞ց,― հեգնորեն հարցրեց Օստապը։

― Քսանհինգ։

― Եվ բնակարանի բանալի՞ն։

― Ախր դա երեսունյոթ ու կես հազար է անում։

― Ինչ հարկ կա նման ճշտությունների։ Դե լավ, թող լինի հիսուն տոկոս։ Կեսը՝ ձեզ, կեսը՝ ինձ։

Սակարկությունը շարունակվեց։ Օստապը մի քիչ էլ զիջեց։ Նա Վորոբյանինովի անձը հարգելուց դրդված համաձայնեց աշխատել քառասուն տոկոսով։

― Վաթսո՜ւն հազար,― բղավում էր Վորոբյանինովը։

― Դուք բավականին գռեհիկ մարդ եք,― առարկում էր Բենդերը,― դուք հարկ եղածից շատ եք սիրում փողը։

― Իսկ դուք փող չե՞ք սիրում,― մղկտաց Իպոլիտ Մատվեևիչը ֆլեյտայի ձայնով։

― Չեմ սիրում։

― Բա ձեր ինչի՞ն է պետք վաթսուն հազարը։

― Սկզբունքով։

Իպոլիտ Մատվեևիչը միայն շունչ քաշեց։

― Հը, սառույցը շարժվե՞ց,― ավարտեց Օստապը։

Վորոբյանինովը փնչացրեց և խոնարհաբար ասաց․

― Շարժվեց։

― Դե ձեռքդ տուր, կոմանչների գավառական պարագլուխ։ Սառույցը շարժվե՛ց։ Սառույցը շարժվե՛ց, պարոնայնք երդվյալ ատանակալնե՛ր։

Երբ Իպոլիտ Մատվեևիչը, «կոմանչիների պարագլուխ» կոչումից նեղացած, ներողություն պահանջեց և Օստապը, ներողության ճառ արտասանելով ֆելդմարշալ անվանեց նրան, նրանք անցան դեսպոզիցիայի մշակմանը։

Կես գիշերին դռնապան Տիխոնը, ձեռքերը գցելով ամեն մի հանդիպած ծառին ու թփին և երկար ժամանակ սյուներին թիկնելուց հետո, քարշ էր գալիս դեպի իր նկուղը։ Ի դժբախտություն նրա նորալուսին էր։

― Ա՜, մտավոր աշխատանքի պրոլետար։ Ցախավաելի մշակ,― բացականչեց Օստապը, տեսնելով անիվ դարձած դռնապանին։

Դռնապանը բառաչեց ցածր ու կրքոտ ձայնով, որով երբեմն գիշերվա լռության մեջ հանկարծ ջերմ ու եռանդով սկսում է մռթմռթալ ունիտազը։

― Հանճարեղ բան է,― հաղորդեց Օստապը Իպոլիտ Մատվեևիչին,― իսկ ձեր դռնապանը բավականին տափակ մարդ է եղել։ Մի՞թե կարելի է մի ռուբլով այդքան խմել։

― Կ֊կարելի է,― ասաց դռնապանը անսպասելիորեն։

― Լսիր, Տիխոն, ― սկսեց Իպոլիտ Մատվեևիչը, ― չգիտե՞ս արդյոք, բարեկամս, ի՞նչ եղավ իմ կահույքը։

Օստապը զգուշությամբ բռնել էր Տիխոնին, որպեսզի խոսքերը ազատ հոսեին նրա լայնաբաց բերանից։ Իպոլիտ Մատվեևիչը լարված սպասում էր։ Բայց դռնապանի բերանից, որի մեջ ատամները մեջընդմեջ էին շարված, դուրս պրծավ խլացուցիչ մի ճիչ․

― Եղղ֊ղել են, էխ, ուրա՜խ օրեր․․․

Դռնապանի սենյակը լցվեց ճիչ ու աղմուկով։ Դռնապանը ջանասիրությամբ և փութեռանդությամբ երգ է երգում, ոչ մի խոսք բաց չթողնելով։ Նա սենյակում դեսուդեն ընկած մռնչում էր, մերթ անգիտակցաբար սեղանի տակ մտնելով, մերթ կարտուզը պատի ժամացույցի պղնձյա գլանաձև կշռաքարին խփելով, մերթ ծունկի գալով։ Նա սարսափելի ուրախ էր զգում իրեն։

Իպոլիտ Մատվեևիչը բոլորովին գլուխը կորցրեց։

― Ստիպված ենք վկաների հարցաքննությունը հետաձգել վաղվան, ― ասաց Օստապը։ ― Քնենք։

Քնի մեջ ծանրացած դռնապանին, կոմոդի պես, տեղափոխեցին նստարանի վրա։

Որոբյանինովը և Օստապը որոշեցին միասին պառկել դռնապանի անկողնում։ Օստապի պիջակի տակ հայտնվեց «կովբոյ» վերնաշապիկ՝ կարմիր վանդակներով։ Կովբոյկայի տակ ուրիշ ոչինչ չկար։ Բայց Իպոլիտ Մատվեևիչի ընթերցողին արդեն հայտնի լուսնկա ժիլետի տակից մեկ ուրիշ՝ գարուսե, վառ երկնագույն ժիլետ էլ դուրս եկավ։

― Տեղովը ծախելու ժիլետ է, ― նախանձով ասաց Բենդերը, ― դա ինձ շատ լավ կսազի։ Ծախեցե՛ք։

Իպոլիտ Մատվեևիչի համար անհարմար էր մերժել նոր կոմպանյոնին և կոնցեսիայի անմիջական մասնակցին։ Նա կնճռոտվելով համաձայնեց վաճառել ժիլետը իր գնով՝ ութ ռուբլով։

― Փողը՝ մեր գանձի իրացումից հետո, ― հայտարարեց Բենդերը, ընդունելով Վորոբյանինովից դեռ տաք ժիլետը։

― Ո՛չ, ես այդպես չեմ կարող, ֊ ասաց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Թույլ տվեք ետ վերցնել ժիլետը։

Օստապի նրբազգաց էությունը վրդովվեց։

― Ախր դա խանութպանություն է, ― բղավեց նա։ ― Հարյուր հիսուն հազարի գործ սկսել և ինչ֊որ մի ութ ռուբլու խաթեր գժտվե՞լ։ Սովորեցեք լայն ու փարթամ ապրել։

Իպոլիտ Մատվեևիչն էլ ավելի կարմրեց, հանեց փոքրիկ ծոցատետրը և վայելչագրորեն նոթագրեց․

25/IV 27 թ․
Տրված է ընկ․ Բենդերին
Ռ․ ― 8

Օստապը նայեց ժամացույցին։

― Օհո՛։ Եթե դուք անձնական հաշիվ եք բացում իմ անունով, գոնե ճիշտ վարեք այն։ Սահմանեցեք դեբետ, սահմանեցեք ապառիկ։ Դեբետի բաժնում չմոռանաք մտցնել վաթսուն հազար ռուբլի, որ դուք ինձ պարտք եք, իսկ ապառիկում՝ ժիլետը։ Սալդոն իմ օգտին՝ հիսունինը հազար ինը հարյուր իննսուներկու ռուբլի։ Դեռ կարելի է ապրել։

Դրանից հետո Օստապը մուշ֊մուշ քնեց մանկական քնով։ Իսկ Իպոլիտ Մատվեևիչը հանեց բրդե բազպանները, բարոնի կոշիկները և, մնալով կարկատած եգերական սպիտակեղենով, ֆսֆսացնելով խցկվեց վերմակի տակ։ Շատ անհարմար վիճակում էր նա։ Դրսի կողմից, ուր վերմակը չէր հերիքում, ցուրտ էր, իսկ մյուս կողմից նրան այրում էր մեծ կոմբինատորի ջահել, թրթռուն իդեաներով լեցուն մարմինը։

Երեքն էլ երազ էին տեսնում։

Վորոբյանինովը տեսնում էր սև երազներ․ միկրոբներ, քրեական հետախուզություն, թավշյա տոլստովկաներ և դագաղագործ վարպետ Բեզենչուկին՝ հագին սմոկինգ, բայց անթրաշ։

Օստապը տեսնում էր Ֆուձի֊Յամա հրաբուխը, Մասլոտրեստի կառավարչին և Տարաս Բուլբային, որը բացիկներ էր վաճառում Դնեպրոստրոյի տեսարաններով։

Իսկ դռնապանը երազում տեսավ՝ ձեն փախել է ախոռից։ Մինչև առավոտ նա երազում փնտրում էր նրան, և, չգտնելով, արթնացավ ջարդված և մռայլ։ Երկար ժամանակ զարմանքով նայում էր իր անկողնում քնած մարդկանց։ Ոչինչ չհասկանալով, վերցրեց ցախավելը և գնաց փողոց իր անմիջական պարտավորությունները կատարելու՝ ձիու թրիքը հավաքելու և անկյալ պառավների վրա բղավելու։

«Տիտանիկի» հետքերը

Իպոլիտ Մատվեևիչը ըստ սովորության արթնացավ ութի կեսին, դայլալեց «գուտ մորգեն» և մոտեցավ լվացարանին։ Նա լվացվում էր մեծ հաճույքով․ թքոտում էր, դժգոհում և գլուխը թափահարում որպեսզի ազատվի ականջները լցված ջրից։ Սրբվելը նույնպես հաճելի էր, բայց սրբիչը դեմքից հեռացնելուց հետո Իպոլիտ Մատվեևիչը տեսավ, որ այն կեղտոտվել է այն արմատական սև գույնով, որով երկու օր առաջ ներկվել էին նրա հորիզոնական բեղերը։ Իպոլիտ Մատվեևիչի սիրտը մարեց։ Նա նետվեց դեպի իր գրպանի հայելին։ Հայելում անդրադարձան մեծ քիթը և նոր ծլած կանաչի նմանվող ձախ բեղը։ Իպոլիտ Մատվեևիչը հայելին շտապ տեղաշարժեց։ Աջ բեղը նույն զզվելի գույնն ուներ։ Գլուխը կռացնելով, ասես ցանկանում էր հարու տալ հայելուն, թշվառականը տեսավ, որ արմատական սև գույնը դեռ տիրապետում էր գլխի կենտրոնում, բայց եզրերը նույն կանաչանման գույնով էին բոլորապատված։

Իպոլիտ Մատվեևիչի ողջ էությունը այնպիսի բարձրաձայն հառաչանք արձակեց, որ Օստապ Բենդերը բացեց աչքերը։

― Գժվե՛լ եք, ինչ է, ― բացականչեց Բենդերը և իսկույն փակեց քնատ կոպերը։

― Ընկե՛ր Բենդեր, ― աղերսական տոնով շշնջաց «Տիտնիկի» զոհը։

Բազում հրումներից ու հորդորանքներից հետո Օստապը զարթնեց։ Նա ուշադիր նայեց Իպոլիտ Մատվեևիչին և ուրախ֊ուրախ ծիծաղեց։ Աշխատանքների գլխավոր ղեկավարն ու տեխնիկական դիրեկտորը կոնցեսիայի դիրեկտոր֊հիմնադրից երեսը շուռ տալով ցնցվում էր, ձեռքը գցում մահճակալի մեջքին՝ «Չեմ կարող» ու դարձյալ մոլեգնում։

― Դա վատ է ձեր կողմից, ընկեր Բենդեր, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը սարսուռով շարժելով կանաչ բեղերը։

Դա նոր ուժ ներարկեց արդեն հալից ընկած Օստապին։ Մի տասը րոպե ևս տևեց նրա անկեղծ ծիծաղը։ Շունչ քաշելուց հետո նա մեկեն խիստ լրջացավ։

― Ի՞նչ եք ինձ վրա նայում այնպիսի չար աչքերով, ինչպես զինվորը՝ ոջլի վրա։ Դուք ձեզ վրա նայեցեք։

― Բայց ախր դեղագործն ինձ ասաց, թե սա արմատական սև գույն է լինելու։ Չի լվացվելու ո՛չ սառը ջրով, ո՛չ տաք, ո՛չ սապնի փրփուրով, ո՛չ նավթով․․․ Մաքսանենգ ապրանք է։

― Մաքսանե՞նգ։ Ողջ մաքսանենգ ապրանքը շինում են Օդեսայում, Մալո֊Առնաուտսկայա փողոցի վրա։ Ցույց տվեք սրվակը․․․ Եվ հետո նայեցեք։ Կարդացե՞լ եք սա։

Կարդացել եմ։

― Իսկ սա՞, մանր տառերով տպվածը։ Այստեղ պարզ ասված է, որ տաք ու սառը ջրով կամ սապնի փրփուրով և նավթով լվանալուց հետո բնավ չպետք է սրբվել, այլ պետք է չորացնել արևի տակ կամ պրիմուսի մոտ․․․ Ինչո՞ւ չեք չորացրել։ Այժմ ո՞ւր եք գնալու ձեր այդ կանաչ «թփերով»։

Իպոլիտ Մատվեևիչը ճնշված էր։ Ներս մտավ Տիխոնը։ Տեսնելով աղային կանաչ բեղերով, նա խաչակնքվեց և փող խնդրեց խումարություից դուրս գալու համար։

― Մի ռուբլի տվեք աշխատանքի հերոսին, ― առաջարկեց Օստապը, ― և խնդրում եմ՝ չգրեք իմ հաշվին։ Դա ձեր ինտիմ գործն է նախկին ծառայի հետ․․․ Կա՛ց, հայրիկ, մի՛ գնա, գործ կա։

Օստապը դռնապանի հետ խոսք բացեց կահույքի մասին և արդեն հինգ րոպե անց կոնցեսիոներները ամեն բան գիտեին։ 1919 թվականին ամբողջ կահույքը տարել են բնակբաժին, բացի հյուրասենյակի մի աթոռից, որը սկզբում գտնվելիս է եղել Տիխոնի տնօրինության տակ, իսկ հետո նրանից վերցրել է Սոցապի 2֊րդ տան տնտեսվարը։

― Ուրեմն աթոռն այս տա՞նն է։

― Հենց էստեղ է որ կա։

― Իսկ ասա ինձ, բարեկամս, ― նվաղելով հարցրեց Վորոբյանինովը, ― երբ աթոռը քո մոտ էր, դու հո չե՞ս․․․ նորոգել։

― Էդ աթոռը նորոգելն անհնար է։ Հին ժամանակներում լա՜վ էին աշխատում։ Էդ աթոռը մի երեսուն տարի էլ կդիմանա։

― Դե գնա, բարեկամս, մի ռուբլի էլ վերցրու և տե՛ս՝ մի ասա, թե ես եկել եմ։

― Գերեզմանի պես լուռ եմ, քաղաքացի Վորոբյանինով։

Դռնապանին ճամփա դնելով և բղավելով՝ «Սառույցը շարժվեց», Օստապ Բենդերը նորից անդրադարձավ Իպոլիտ Մատվեևիչի բեղերին։

― Ստիպված ենք նորից ներկել։ Փող տվեք, գնամ դեղատուն։ Ձեր «Տիտանիկը» ոչ մի բանի պետք չէ, միայն շուն կարելի է ներկել․․․ Այ, հին օրերում ներկ կա՜ր․․․ Ձիարշավի մի պրոֆեսոր հուզիչ պատմություն է արել ինձ։ Դուք ձիարշավով հետաքրքրվե՞լ եք։ Ո՞չ։ Ափսո՜ս։ Հուզի՜չ բան է։ Այսպես, ուրեմն․․․ Կար մի նշանավոր կոմբինատոր՝ կոմս Դռուցկի։ Նա հինգ հարյուր հազար տանուլ էր տվել ձիարշավում։ Տանուլ տվողների արքա՛։ Եվ ահա, երբ նա պարտքերից բացի ուրիշ ոչինչ չուներ և արդեն մտրադրվել էր ինքնասպանություն գործել, մի ճարպիկ մարդ հիսուն ռուբլով հիանալի խորհուրդ տվեց նրան։ Կոմսը մեկնեց և մի տարուց հետո վերադարձավ երեք տարեկան օրլովյան վարգաձիով։ Դրանից հետո կոմսը ոչ միայն վերադարձրեց իր փողերը, այլ մի երեք հարյուր հազար էլ շահեց։ Նրա «Մակլեր» վարգաձին հիանալի վկայական ուներ և միշտ առաջինն էր տեղ հասնում։ Ձիարշավի ժամանակ նա մի ամբողջ մարմնով առաջ անցավ «Մակ֊Մահոնից»։ Որո՛տ ու կայծակ․․․ Բայց այստեղ Կուրոչկինը (լսե՞լ եք նրա մասին) նկատում է, որ բոլոր օրլովցիներն սկսում են գույնը փոխել, միայն «Մակլերն» է, որ ինչպես կա, գույնը չի փոխում։ Չլսվա՜ծ սկանդալ էր։ Կոմսին երեք տարի տվեցին։ Պարզվեց, որ «Մակլերը» օռլովյան ձի չէ, այլ ներկած մետիս, իսկ մետիսները շատ ավելի արագավազ են լինում օրլովցիներից, և նրանց մի վերստի վրա մոտ չեն թողնում։ Բա՜ս․․․ Այ դա ներկ ե եղել հա՜․․․ Եվ ոչ թե ձեր բեղերը․․․

― Հապա վկայակա՞նը։ Չէ՞ որ նա հիանալի վկայական է ունեցել։

― Կեղծ է եղել, ինչպես ձեր «Տիտանիկի» պիտակը։ Փող տվեք ներկի համար։

Օստապը վերադարձավ նոր լուծույթով։

― «Նայադա»։ Հավանորեն ձեր «Տիտանիկից» լավն է։ Հանեցեք պիջակը։

Սկսվեց ներկման արարողությունը։ Բայց «մազերին քնքշություն ու փափկություն տվող հիանալի շագանակագույնը», խառնվելով «Տիտանիկի» կանաչ գույնի հետ, Իպոլիտ Մատվեևիչի գլուխն ու բեղերը անսպասելիորեն ներկեց արևի լուսապատկերի գույներով։

Առավոտվանից դեռ ոչինչ չկերած Վորոբյանինովը կատաղած հայհոյում էր բոլոր պարֆյումերային գործարաններին, ինչպես պետական, այնպես էլ Օդեսայում, Մալայա֊Առնաուտսկայա փողոցի վրա գտնվող ընդհատակյա գործարաններին։

― Այդպիսի բեղեր, հավանորեն, Արիստիդ Բրիանն էլ չունի, ― աշխույժ նկատեց Օստապը, ― բայց խորհուրդ չի տրվում այդպիսի ուլտրամանիշակագույն մազերով ապրել Սովետական Ռուսաստանում։ Ստիպված ենք սափրել։

― Ես չեմ կարող, ― տխուր պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը, ― դա անհնարին է։

― Ինչ է, բեղերը ձեզ համար թանկ են որպես հիշատա՞կ։

― Չե՛մ կարող, ― կրկնեց Վորոբյանինովը, գլուխը կախելով։

― Այդ դեպքում դուք ձեր ամբողջ կյանքում նստելու եք դռնապանի սենյակում, իսկ ես կգնամ աթոռների ետևից։ Ի դեպ, առաջին աթոռը հենց մեր գլխավերևն է։

― Սափրեցե՛ք։

Բենդերը մկրատ ճարելով, վայրկենապես բռնեց բեղերից, և դրանք անաղմուկ թափվեցին հատակին։ Խուզելուց հետո տեխնիկական դիրեկտորը գրպանից հանեց դեղնած «Ժիլետ» ածելին, իսկ դրամապանակից՝ պահեստի լեզվակը և սկսեց սափրել գրեթե լացող Իպոլիտ Մատվեևիչին։

― Վերջին լեզվակը ձեզ վրա եմ բանեցնում։ Չմոռանաք իմ դեբետին գրանցել երկու ռուբլի՝ սափրելու և խուզելու համար։

Վշտից դողդողալով, Իպոլիտ Մատվեևիչը այնուամենայնիվ հարցրեց․

― Ինչո՞ւ այդպես թանկ։ Ամենուրեք քառասուն կոպեկ արժե։

― Գաղտնապահության համար, ընկեր ֆելդմարշալ, ― արագ պատասխանեց Բենդերը։

Աներևակայելի են մարդու տանջանքները, որի գլուխը սափրում են անվտանգ ածելիով։ Իպոլիտ Մատվեևիչը այդ բանը հասկացավ օպերացիայի հենց սկզբից։

Ինչպես ամեն բանի, այս բանի վերջն էլ եկավ։

― Պատրաստ է։ Նիստը շարունակվում է։ Ջղայիններին խնդրում ենք չնայել։ Այժմ դուք նման եք Բոբորիկինին՝ հայտնի կուպլետիստ֊հեղինակին։

Իպոլիտ Մատվեևիչը թափ տվեց վրայից զզվելի ծվենները, որոնք մի ժամանակ գեղեցիկ ալեհեր մազեր էին, լվացվեց և, գլխի վրա ուժեղ մռմուռ զգալով, հարյուրերորդ անգամ նայեց հայելուն։ Այն, ինչ նա տեսավ, անսպասելի կերպով դուր եկավ իրեն։ Նրան նայում էր հրավեր չստացած դերասանի տանջահար, բայց բավականին ջահել դեմքը։

― Օնա՜նդր, հառա՛ջ, շեփորն է մեզ կանչում, ― բղավեց Օստապը։ ― Ես հետքերը գտնելու համար՝ բնակբաժին կամ ավելի ճիշտ այն տունը, ուր մի ժամանակ բնակբաժին է եղել, իսկ դուք՝ պառավների մոտ։

― Ես չեմ կարող, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, ― ինձ համար ծանր կլինի սեփական տուն մտնելը։

― Ա՜, իսկապես․․․ Հուզիչ պատմություն։ Փախստական֊տղա։ Շատ լավ։ Գնացեք բնակբաժին, իսկ այստեղ ես կաշխատեմ։ Զորահանդեսն սկսվում է․․․

Երկնագույն գողը

Ստարսոցապի 2֊րդ տան տնտեսվարը ամաչկոտ գողի մեկն էր։ Նրա ողջ էությունը բողոքում էր գողությունների դեմ, բայց ինքը չգողանալ չէր կարող։ Նա գողանում էր և ամաչում դրա համար։ Գողանում էր շարունակ, շարունակ էլ ամաչում էր, ուստի և նրա լավ սափրած այտերը միշտ այրվում էին շփոթվածության, ամոթխածության, քաշվելու և անհարմար զգալու կարմրությունից։ Տնտեսվարին կոչում էին Ալեքսանդր Յակովլևիչ, իսկ նրա կնոջը՝ Ալեքսանդրա Յակովլևնա։ Նա կնոջը կանչում էր Սաշխեն, կինը նրան՝ Ալխեն։ Աշխարհը դեռ չէր տեսել այնպիսի երկնագույն գողի, ինչպիսին Ալեքսանդր Յակովլևիչն էր։

Նա ոչ միայն տնտեսվար էր, այլև ընդհանրապես վարիչ։ Նախկինին հանել էին աշխատանքից՝ սանուհիների հետ կոպիտ վարվելու համար և նշանակել էին սիմֆոնիկ նվագախմբի կապելմեյստեր։ Ալխենը ոչ մի բանով չէր հիշեցնում իր անդաստիարակ պետին։ Աշխատանքային օրվա խտացման կարգով նա իր վրա վերցրեց տան կառավարչությունը և անասելի քաղաքավարությամբ էր պահում իրեն թոշակառուհիների հանդեպ, կարևոր բարենորոգումներ և նորամուծություններ անցկացնելով տան մեջ։

Օստապ Բենդերը քաշեց Վորոբյանինովի առանձնատան կաղնե հաստ դուռը և հայտնվեց նախասրահում։ Այստեղ խանձված խաշիլի հոտ էր փչում։ Վերի շենքերից հեռավոր «ուռա»֊ի նմանվող աններդաշնակ ձայներ էին լսվում։ Ոչ ոք չկար և ոչ ոք չէր երևում։ Դեպի վերև երկու մարշով կաղնե սանդուղք էր տանում՝ երբեմնի լաքած աստիճաններով։ Այժմ նրա մեջ ցցված էին միայն օղակներ, իսկ պնձյա ձողիկները, որոնցով մի ժամաակ գորգը սեղմում էին աստիճաններին, չկային։

«Կոմանչների պարագլուխը այնուամենայնիվ ապրել է գռեհիկ ճոխության մեջ», ― վերև բարձրանալիս անցավ Օստապի մտքով։

Հենց առաջին՝ լուսավոր և ընդարձակ սենյակում շրջան կազմած նստել էին տասնհնգի չափ սպիտակամազ պառավներ՝ ամենաէժանագին քաթանե մկնագույն հագուստներով։ Վզերը լարվածորեն երկարացնելով և նայելով կենտրոնում կանգնած ծաղկափթիթ տղամարդուն, պառավները երգում էին։

Հեռվից լսվում է բոժոժների ձայն,
Տրոյկայի վազքն է դա ավանով․․․
Իսկ հեռվում սփռված է լայն
Կայծկլտող ձյունը սպիտակ սավանով․․․

Նույն քաթանից կարված գորշ տոլստովկայով և շալվարով երգչախմբի ղեկավարը երկու ձեռքով չափ էր տալիս և, պտույտներ գործելով բղավում․

― Դիսկանտնե՛ր, կամաց։ Կոկուշկի՛նա, մեղմ։

Նա տեսավ Օստապին, բայց իր ձեռքերի շարժումը զսպել չկարողանալով, անբարյացակամորեն նայեց ներս մտնողին և շարունակեց դիրիժյորությունը։ Երգչախումբը լարված թնդացրեց, ասես բարձի միջից․

Տա֊տա֊տա, տա֊տա֊տա, տա֊տա֊տա,
Տո֊րո֊րոմ, տու֊րու֊րու֊րում, տու֊րու֊րում․․․

― Ասացե՛ք, որտե՞ղ կարելի է տեսնել ընկեր տնտեսվարին, ― արտասանեց Օստապը, ներխուժելով հենց առաջին պաուզայի մեջ։

― Իսկ ի՞նչ կա ընկեր։

Օստապը ձեռքը մեկնեց դիրիժյորին և մտերմաբար հարցրեց․

― Ժողովուրդների երգե՞ր։ Շա՜տ հետաքրքիր է։ Ես հրշեջ պահպանության տեսուչ եմ։

Տնտեսվարը ամաչեց։

― Հա, հա, ― ասաց նա ամհարմար զգալով, ― շատ տեղին եք եկել։ Ես նույնիսկ պատրաստվում էի զեկուցագիր գրել։

― Անհանգստանալու հարկ չկա, ― մեծահոգաբար հայտարարեց Օստապը, ― ես ինքս կգրեմ զեկուցագիրը։ Դե, եկեք շենքը նայենք։

Ալխենը ձեռքի մի շարժումով ցրեց խումբը, և պառավները մանր, ուրախ քայլերով հեռացան։

― Համեցեք իմ ետևից, ― հրավիրեց տնտեսվարը։

Նախքան առաջ անցնելը, Օստապը աչքերը հառեց առաջին սենյակի կահույքին։ Սենյակում կային սեղան, երկաթյա ոտքերով երկու պարտեզի նստարան (նրանցից մեկի մեջքին փորագրված էր «Կոլյա» անունը) և մի կարմրագորշ ֆիսհարմոնիա։

― Այս սենյակում հո պրիմուս չե՞ն վառում։ Ժամանակավոր վառարաններ և նման բաներ։

― Ոչ, ոչ։ Այստեղ մեզ մոտ պարապում են խմբակները՝ երգի, դրամատիկական, նկարչական և երաժշտական․․․

Հասնելով «երաժշտական» բառին, Ալեքսանդր Յակովլևիչը կարմրեց։ Սկզբում բոցավառվեց կզակը, ապա ճակատն ու այտերը։ Ալխենը շատ էր ամաչում։ Նա վաղուց արդեն ծախել էր փողային կապելլաայի գործիքները։ Պառավների թույլ թոքերը, միևնույն է, նրանցից միայն լակոտների վնգվնգոց էին հանում։ Ծիծաղելի էր այդպես անճարակ վիճակում տեսնել մետաղի այդ կույտը։ Ալխենը չէր կարող չգողանալ կապելլան։ Եվ հիմա նա սաստիկ ամաչում էր։

Պատին, պատուհանից պատուհան, կախված էր լոզունգ՝ մկնագույն քաթանի վրա սպիտակ տառերով գրված․

«Փողային նվագախումբը կոլեկտիվ ստեղծագործության ուղին է»։

― Շատ լավ է, ― ասաց Օստապը, ― խմբակային պարապմունքների սենյակը հրդեհի տեսակետից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Անցնենք առաջ։

Վորոբյանինովի առանձնատան ճակատային սենյակները արագ քայլքով անցնելիս, Օստապը ոչ մի տեղ անգլիական ծաղկավոր չթով պաստառած, ճկած ոտքերով կաղնե աթոռ չտեսավ։ Մարմարյա հարթ պատերին փակցված էին Ստարսոցապի N2 տան հրամանները։ Օստապը կարդում էր դրանք և մերթ ընդ մերթ եռանդուն հարցնում․ «Ծխնելույզները կանոնավոր մաքրվո՞ւմ են։ Վառարանները կարգի՞ն վիճակումն են»։ Եվ սպառիչ պատասխաններ ստանալուց հետո առաջ էր շարժվում։

Հրշեջ պաշտպանության տեսուչը տան մեջ փութեռանդորեն փնտրում էր թեկուզ մի անկյուն, որը հրդեհի տեսակետից վտանգ ներկայացներ, բայց այդ տեսակետից ամեն ինչ բարեհաջող էր։ Այստեղ որոնումներն անհաջող էին։ Օստապը մտավ ննջարանները։ Պառավները նրա հայտնվելուն պես վեր էին կենում ու խոնարհ գլուխ տալիս։ Այստեղ դրված էին մահիճներ՝ վրաները շան մորթու պես խավոտ վերմակներ փռած, որոնց մի կողմում գործարանային եղանակով գործված էր «Ոտքեր» բառը։ Մահճակալների տակ դրված էին սնդուկներ, որոնք գործի զինվորական դրվածքի սիրահար Ալեքսանդր Յակովլևիչի նախաձեռնությամբ ուղիղ մեկ երրորդով դուրս էին քաշված։

N2 տանը ամեն բան աչքի էր ընկնում իր արտակարգ համեստությամբ․ և՛ կահավորումը, որ բաղկացած էր Ալեքսանդրյան, այժմ Պրոլետարական շաբաթօրյակների անվան, բուլվաից բերած նստարաններից, և՛ շուկայի նավթի լամպերը, և՛ հենց վախեցնող «Ոտքեր» խոսքով վերմակները։ Բայց տանը մի բան արված էր պինդ ու շքեղորեն․ դրանք դռների զսպանակներն էին։

Դռան սարքերը Ալեքսանդր Յակովլևիչի մոլությունն էին։ Մեծ ջանքեր գործադրելով, նա բոլոր դռները հանդերձեց ամենատարբեր սիստեմների և ձևերի զսպանակներով։ Այստեղ կային երկաթձողի նմանվող ամենահասարակ զսպանակներ։ Կային պղնձե գլանաձև պոմպերով փողային զսպանակներ։ Բլոկների վրա կային սարքեր, որոնցից մանրագնդակի ծանրակշիռ պարկեր էին կախված։ Կային նաև այնպիսի բարդ կոնստրուկցիայի զսպանակներ, որ սոցապի փականագործը զարմանքից միայն գլուխն էր օրորում։ Բոլոր գլանները, զսպանակները և հակակշիռները հզոր ուժ ունեին։ Դռներն այնպես սրընթաց էին շրխկում, ինչպես մկան թակարդի դուռը։ Մեխանիզմների աշխատանքից ողջ տունը ցնցվում էր։ Պառավները տխուր ծվծվոցով ազատվում էին իրենց վրա հարձակվող դռներից, բայց միշտ չէր հաջողվում փախչել։ Դռները հասնում էին փախստականուհիների ետևից և հրում նրանց մեջքին, իսկ վերևից խուլ կռկռոցով արդեն ինջնում էր հակակշիռը, հրետագնդի պես անցնելով քունքի կողքով։

Երբ Բենդերն ու տնտեսվարը անցնում էին տան միջով, դռները ահավոր հարվածներով սալյուտում էին նրանց։

Այս ամրոցային հայակապության ետևում ոչինչ չկար թաքցրած՝ աթոռը չկար։ Հրդեհի վտանգ գտնելու նկատառումներով տեսուչն ընկավ խոհանոց։ Այնտեղ սպիտակեղենի մեծ կաթսայի մեջ խաշիլ էր եփվում, որի հոտը մեծ կոմբինատորը առել էր դեռ նախասրահում։ Օստապը քիթը ոլորեց և ասաց․

― Այդ ինչ է, մեքենայի յուղո՞վ եք եփում։

― Աստված վկա, մաքուր կարագով, ― ասաց Ալխենը, արտասվելու աստիճանի կարմրելով։ Ֆերմայից ենք գնում։

Նա սաստիկ ամաչում էր։

― Ասենք դա հրդեհի վտանգ չի ներկայացնում, ― նկատեց Օստապը։

Աթոռը խոհանոցում չէր։ Կար միայն մի տաբուրետ, որի վրա նստել էր գոգնոցով և քաթանե թասակով խոհարարը։

― Ինչո՞ւ ձեր բոլորի հանդերձանքը մոխրագույն է, նույնիսկ մարմաշե վարագույրն այնպիսին է, որ նրանով միայն կարելի է պատուհան մաքրել։

Ամաչկոտ Ալխենը գլուխն ավելի կախեց։

― Վարկեր բաց են թողնում անբավարար քանակությամբ։

Նա ինքն իրենից զզվում էր։

Օստապը կասկածանքով նայեց նրան և ասաց․

― Դա չի վերաբերում հրշեջ պահպանությանը, որը ես այժմ ներկայացնում եմ։

Ալխենը վախեցավ։

― Հրդեհի դեմ, ― հայտարարեց նա, ― մենք բոլոր միջոցները ձեռք ենք առել։ Կա նույնիսկ փրփուրամուղ֊կրակմարիչ «Էկլեր»։

Տեսուչը, որն անցնելիս աչքի էր անցկացնում նկուղները, անհավես մոտեցավ կրակմարիչին։ Թիթեղյա կարմիր կոնը թեև տան մեջ միակ առարկան էր, որ առնչություն ուներ հրշեջ պահպանության հետ, առանձնապես ջղայնացրեց տեսուչին։

― Սև շուկայո՞ւմ եք գնել։

Եվ, չսպասելով ասես շանթահար եղած Ակեքսանդր Յակովլևիչի պատասխանին, «Էկլերը» հանեց ժանգոտած մեխից, առանց նախազգուշացնելու ջարդեց կապսուլը և կոնը արագ շուռ տվեց գլխիվայր։ Բայց սպասելիք փրփուրաշիթի փոխարեն կոնը իրենից դուրս նետեց բարակ մի ֆֆշոց, որը հիշեցնում էր «Փառք ի բարձրունս» հինավուրց մեղեդին։

― Իհարկե, սև շուկայում, ― պնդեց Օստապն իր նախնական կարծիքը և երգել շարունակող կրակմարիչը կախեց իր նախկին տեղը։

Ֆշշոցի նվագակցությամբ նրանք առաջ անցան։

«Որտե՞ղ կարող է լինել, ― մտածում էր Օստապը։ ― Այս բանն սկսում է ինձ դուր չգալ»։ Եվ նա որոշեց չլքել քաթանե ապարանքը, մինչև ամեն բան չիմանա։

Մինչդեռ տեսուչն ու տնտեսվարը մագլցում էին չարդախները, մտնում հակահրդեհային պահպանության ծխնելույզների դասավորության մանրուքների մեջ, Ստարսոցապի N2 տունը ապրում էր իր առօրյա կյանքով։

Ճաշը պատրաստ էր։ Խանձրահամ խաշիլի հոտը զգալիորեն ուժեղացավ և հաղթահարեց տան եղած բոլոր մյուս թթու հոտերը։ Միջանցքում խշխշոց լսվեց։ Պառավները, երկու ձեռքով առջևում պահած խաշիլով լի պնակներ, զգուշորեն դուրս էին գալիս խոհանոցից և նստում ճաշելու ընդհանուր սեղանի շուրջը, ջանալով չնայել ճաշարանում կախ տված լոզունգներին, որոնք անձամբ հեղինակել էր Ալեքսնդրա Յակովլևան։ Լոզունգները այսպիսին էին․

«Սնունդը առողջության աղբյուրն է»
«Մի ձուն իր մեջ այնքան ճարպ է պարունակում, որքան կես ֆունտ միսը»։
«Կերակուրը լավ ծամելով, դու օգնում ես հասարակությանը»։ և
«Միսը վնասակար է»։

Բոլոր այդ սրբազան խոսքերը պառավների մեջ հիշողություններ էին արթնացնում դեռ մինչև հեղափոխությունը անհետացած ատամների մասին, մոտավորապես նույն օրերին կորած ձվի մասին, մսի մասին, որը ճարպերի իմաստով զիջում է ձվերին, գուցե և հասարակության մասին, որին, կերակուրը լավ ծամելով, օգնելու հնարավորությունից զրկվել էին։

Պառավներից բացի, սեղանի շուրջը նստել էին Իսիդոր Յակովլևիչը, Կիրիլ Յակովլևիչը, Օլեգ Յակովլևիչը և Պաշա Էմիլևիչը։ Այդ երիտասարդները ոչ տարիքով, ոչ սեռով չէին ներդաշնակում սոցիալական ապահովության խնդիրների հետ, բայց թե չորս Յակովլևիչները Ալխենի պատանի եղբայրներն էին, իսկ Պաշա Էմիլևիչը Ալեքսանդրա Յակովլևնայի հեռավոր ազգականը։ Երիտասարդները, որոնցից ամենամեծը 32 տարեկան Պաշա Էմիլևիչն էր, սոցապի տանն իրենց ապրելը որևէ կերպ աննորմալ չէին համարում։ Նրանք այդ տանը ապրում էին պառավների իրավունքով, նրանք ևս ունեին պետական անկողիններ՝ վերմակներով, որոնց վրա գրված էր «Ոտքեր», պառավների պես նրանք էլ հագել էին մկնագույն քաթանե հագուստ, բայց ջահելության և ուժի շնորհիվ նրանք սանուհիներից լավ էին սնվում։ Նրանք տան մեջ գողանում էին այն ամենը, ինչ չէր հասցնում գողանալ Ալխենը։ Պաշա Էմիլևիչը մի նստելում կարող էր խժռել երկու կիլո մանր ձուկ, մի բան, որ նա մի անգամ արավ, ամբողջ տունը առանց ճաշի թողնելով։

Պառավները դեռ իրենց խաշիլի համը կարգին չէին տեսել, երբ Յակովլևիչները էմիլևիչի հետ իրենց բաժինները կուլ տալով և զկռտալով վեր կացան սեղանից և գնացին խոհանոց որևէ դյուրամարս բան գտնելու։

Ճաշը շարունակվում էր։ Պառավները ղժղժալ սկսեցին․

― Հիմա կուշտ կխժռեն, կսկսեն երգեր գոռգոռալ։

― Իսկ Պաշա Էմիլևիչն այսօր առավոտ կարմիր անկյան աթոռը ծախեց։ Դուրս տարավ ետևի դռնից ու տվեց գնորդին։

― Կտեսնեք, էսօր հարբած տուն կգա․․․

Այդ րոպեին սանուհիները խոսակցությունը ընդհատվեց ահեղադղորդ մի խնչոցով, որը խլացրեց նույնիսկ կրակմարիչի դեռ շարունակվող երգը, և կովի ձայնը սկսեց․

― ․․․ արարություն․․․

Պառավները, կռանալով և չնայելով անկյունում, լվացված պարկետի վրա դրած բարձրախոսին, շարունակում էին ուտել, հուսալով, որ իրենց կողքով կանցնի այդ դառը բաժակը։ Բայց բարձրախոսը աշխույժ շարունակեց․

― Եվոկռռախխխ․․․ վիդուսոո․․․ արժեքավոր գյուտարարություն։ Մուրմանսկի երկաթուղու ուղեգծի վարպետ ընկեր Սոկուցկին, ― Սամարա, Օրյոլ, Կլեոպատրա, Ուստինյա, Ցարիցին, Կլեմենտի, Իֆիգենյա, ― Սոկուցկի․․․

Փողը խռխռոցով օդ ներս քաշեց և հարբուխային ձայնով վերսկեց հաղորդումը․

․․․ Հնարել է լուսային ազդանշանում ձյունամաքրիչ մեքենաների վրա։ Գյուտը արժանացել է Դոռիզուլի հավանությանը, ― Դարյա, Օնեգա, Ռայմոնդ․․․

Պառավները մոխրագույն բադերի պես օրոր֊շորոր գնացին իրենց սենյակները։ Փողը, սեփական հզորությունից վեր֊վեր թռչելով, շարունակում էր մոլեգնել դատարկ սենյակում․

․․․ ―Իսկ հիմա լսեցեք Նովգորոդյան չաստուշկաներ․․․

Հեռու֊հեռու, երկրագնդի բուն կենտրոնում, ինչ֊որ մեկը զարկեց բալալայկայի լարերին, և սևահող Բատիստինին երգեց․

Փայտոջիլները պատի վրա,
Արևի տակ նստեցին։
Հենց որ տեսան ֆինտեսչին,
Ձեռաց ընկան սատկեցին․․․

Երկրագնդի կենտրոնում այդ չաստուշկաները բուռն գործունեություն առաջացրին։ Փողի մեջ սարսափելի շառաչ լսվեց։ Դրանք կամ որոտընդոստ ծափահարություն էին, կամ աշխատել սկսեցին ստորերկրյա հրաբուխները։

Մինչ այդ հրշեջ պահպանության մռայլադեմ տեսուչը ետ֊ետ գնալով իջնում էր չարդախի սանդուղքով և նորից հայտնվելով խոհանոցում, տեսավ հինգ քաղաքացիների, որոնք ուղղակի ձեռքերով փորում էին տակառի թթու կաղամբը և խժռում։ Ուտում էին լուռ ու մունջ։ Միայն Պաշա Էմիլևիչը գուրմանավարի օրորում էր գլուխը և, բեղերի միջից հանելով կաղամբի ջրիմուռները, դժվարությամբ ասում էր․

― Էսպիսի կաղամբը մեղք բան է առանց օղու ուտել։

― Պառավների նոր խո՞ւմբ է, ― հարցրեց Օստապը։

― Դրանք որբեր են, ― պատասխանեց Ալխենը, ուսով դուրս հրելով տեսչին խոհանոցից և տակևանց բռունցք թափ տալով որբերին։

― Պովոլժյեից բերված երեխանե՞ր։

Ալխենը շվարեց։

― Ցարական ռեժիմի ծանր ժառանգությո՞ւն։

Ալխենը ձեռքերը տարածեց․ իբր՝ ոչինչ անել չես կարող, քանի որ այդպիսի ժառանգություն է մնացել։

― Կոմպլեքս մեթոդով երկու սեռերի համատեղ դաստիարակությո՞ւն։

Ամոթխած Ալեքսանդր Յակովլևիչը տեղնուտեղը, առանց հապաղելու, հրշեջ տեսչին հրավիրեց ճաշել՝ աստծու տվածով․

Այդ օրն աստված Ալեքսանդր Յակովլևիչի ճաշին ուղարկել էր մի շիշ զուբրովկա֊օղի, տանու սունկ, սելյոդկայից ֆորշմակ, ուկրաինական մսով բորշ՝ առաջին տեսակի, բրնձով հավ և չորացրած խնձորի կոմպոտ։

― Սաշխեն, ― ասաց Ալեքսանդր Յակովլևիչը, ― ծանոթացիր գուբպաժարի ընկերոջ հետ։

Օստապը արտիստիկ կերպով խոնարհ գլուխ տվեց տանտիրուհուն և այնպիսի երկար ու երկիմաստ մի կոմպլիմենտ ասաց նրան, որ չկարողացավ նույնիսկ մինչև վերջը հասցնել։ Սաշխենը, բարձրահասակ այդ դաման, որի սիրունատեսությունը փոքր֊ինչ այլանդակվել էր նիկոլաևյան կիսաբակենբարդներով, կամացուկ ծիծաղեց և տղամարդկանց հետ խմեց։

― Խմում եմ ձեր կոմունալ տնտեսության կենացը, ― բացականչեց Օստապը։

Ճաշն անցավ ուրախ, և միայն կոմպոտ ուտելիս Օստապը հիշեց իր այցելության նպատակի մասին։

― Ինչի՞ց է, հարցրեց նա, ― որ ձեր կեֆիրային հաստատությունը այսպիսի խղճուկ ինվենտար ունի։

― Ո՜նց թե, ― իրար անցավ Ալխենը, ― բա ֆիսհարմո՞նիան։

― Գիտեմ, գիտեմ, վոկս գումանում։ Բայց բացարձակապես չկա մի ճաշակով բան, որ վրան նստես։ Այգու անպետք նստարաններ են միայն։

― Կարմիր անկյունում մի աթոռ կա, ― նեղացավ Ալխենը, ― անգլիական աթոռ։ Ասում են, դեռ հին կահավորումից է մնացել։

― Իսկ ես, ի դեպ, չեմ տեսել ձեր կարմիր անկյունը։ Ի՞նչ վիճակումն է նա՝ հրշեջ պահպանության իմաստով։ Հո մեզ չի՞ խաբի։ Ստիպված եմ նայել։

― Հաճեցեք խնդրեմ։

Կարմիր անկյունում պրիմուս չէին վառում, ժամանակավոր վառարաններ չկային, ծխնելույզները սարքին էին և կանոնավոր կերպով մաքրվում էին, բայց ի մեծ զարմանս Ալխենի՝ աթոռը չկար։ Դեսուդեն ընկան աթոռը գտնելու։ Նայեցին մահճակալի և նստարանի տակ, տեղից չգիտես ինչու շարժեցին ֆիսհարմոնիան, հարց ու փորձ արին պառավներին, որոնք վախվխելով նայում էին Պաշա Էմիլևիչին, բայց և այնպես աթոռը չգտան։ Պաշա Էմիլևիչը մեծ եռանդ դրսևորեց աթոռը որոնելիս։ Բոլորն արդեն հանգստացել էին, իսկ Պաշա Էմիլևիչը դեռ շարունակում էր թափառել սենյակներում, նայում էր ջրամանների տակ, դեսուդեն էր շարժում թեյի թիթեղյա գավաթները և փնթփնթում․

― Ո՞ւր կարող է կորել։ Այսօր կար, ես ինքս իմ սեփական աչքերով եմ տեսել։ Ծիծաղելի է նույնիսկ։

― Տխուր է, աղջիկներ, ― սառը ձայնով ասաց Օստապը։

― Սա պարզապես ծիծաղելի է, ― լրբաբար կրկնում էր Պաշա Էմիլևիչը։

Բայց այդ պահին շարունակ երգող «Էկլեր» փրփուրամուղ֊կրակմարիչը վերցրեց ամենաբարձր ֆան, որին ընդունակ է միայն ռեսպուբլիկայի ժողովրդական արտիստուհի Նեժդանովան, մի վայրկյան լռեց և ճիչ աղմուկով բաց թողեց փրփուրի առաջին ցայտը, որը ողողեց առաստաղը և խոհարարի գլխից թռցրեց քաթանե թասակը։ Առաջին ցայտից հետո փրփուրամուղ֊կրակմարիչը բաց թողեց երկրորդ մկնագույն ցայտը, որը գետին տապալեց անչափահաս Իսիդոր Յակովլևիչին։ Դրանից հետո «Էկլերը» սկսեց անխափան աշխատել։

Պատահարի վայրը նետվեցին Պաշա Էմիլևիչը, Ալխենը և անվնաս մնացած մյուս Յակովլևիչները։

― Մաքո՛ւր աշխատանք, ― ասաց Օստապը։ ― Ախմա՛խ հնարանք։

Օստապի հետ մենակ՝ առանց պետերի մնացած պառավներն անմիջպես սկսեցին հայտնել իրենց դժգոհությունները․

― Աղբեր֊տղերքին տեղավորել է տանը։ Լափում են։

― Խոճկորներին կաթով է կերակրում, իսկ մեզ խաշիլ է դեմ անում։

― Ինչ կար֊չկար, տանից դուրս տարավ։

― Հանգիստ, աղջկերք, ― ասաց Օստապը, ետ քաշվելով, ― դրա համար ձեզ մոտ կգան աշխատանքի տեսչությունից։ Սենտան ինձ չի լիազորել։

Պառավները չէին լսում։

― Իսկ էն Պաշա Մելենտևիչը աթոռն էսօր տարավ ու ծախեց։ Ինքս տեսա։

― Ո՞ւմ, ― բղավեց Օստապը։

― Ծախեց՝ ու վերջ։ Ուզում էր իմ վերմակը ծախել։

Միջանցքում կատաղի պայքար էր գնում կրակմարիչի դեմ։ Մարդկային հանճարը վերջապես հաղթեց, և փրփրամուղը, Պաշա Էմիլևիչի երկաթյա ոտքերով ճխլտված, բաց թողեց վերջին ճլորած ցայտը և ընդմիշտ լռեց։

Պառավներին ուղարկեցին հատակը լվալու։ Հրշեջ պահպանության տեսուչը գլուխը կախեց և, ոտքերը թեթևակի օրորելով, մոտեցավ Պաշա Էմիլևիչին։

― Իմ ծանոթներից մեկը, ― ասաց Օստապը ծանրակշիռ կերպով, ― նույնպես պետական կահույք էր ծախել։ Հիմա նա վանական է գրվել ու նստած է կալանատանը։

― Ձեր այդ անհիմն մեղադրանքները տարօրինակ են թվում ինձ, ― նկատեց Պաշա Էմիլևիչը, որից շատ թունդ փրփուրի հոտ էր գալիս։

― Ո՞ւմն ես ծախել աթոռը, ― հարցրեց Օստապը զրնգուն շշնջոցով։

Այստեղ գերբնական հոտառության տեր Պաշա Էմիլևիչը հասկացավ, որ հիմա իրեն ծեծելու են և կարող է պատահել նույնիսկ ոտքերով։

― Առնող֊ծախողին, ― պատասխանեց նա։

― Հասցե՞ն։

― Ես նրան առաջին անգամ էի տեսնում։

― Առաջին անգա՞մ։

― Աստված վկա։

― Քիթումռութդ մի լա՜վ կջարդեի, ― բաղձանքով ասաց Օստապը, ― միայն թե Զրադաշտը թույլ չի տալիս։ Դե, կորի՛ր գրողի ծոցը։

Պաշա Էմիլևիչը քծնողաբար ժպտաց և սկսեց ետ֊ետ գնալ։

― Էյ, դո՛ւ, աբորտի զոհ, ― բարձրաձայն ասաց Օստապը, ― պարաններդ արձակիր ու մի քաշվիր։ Առնող֊ծախողը թխահե՞ր էր, թե շիկահեր։

Պաշա Էմիլևիչը մանրամասն բացատրել սկսեց։ Օստապն ուշադիր լսեց նրան և ինտերվյուն վերջացրեց այս խոսքերով։

― Այդ, հարկավ, հրշեջ պահպանությանը չի վերաբերում։

Միջանցքում հեռացող Բենդերին մոտեցավ ամոթխած Ալխենը և տվեց նրան մի չերվոնեց։

― Քրեական օրենսգրքի հարյուրտասնչորսերորդ հոդվածն է սա, ― ասաց Օստապը, ― պաշտոնական անձին կաշառք տալ՝ ծառայության պարտականությունները կատարելիս։

Բայց փողը վերցրեց և, հրաժեշտ չտալով Ալեքսանդր Յակովլևիչին, քայլերն ուղղեց դեպի ելքը։ Հզոր սարքով հանդեձված դուռը զոռով բացվեց և մեկուկես տոննանոց մի հարված հասցրեց Օստապի հետույքին։

― Հարվածը տեղի ունեցավ, ― ասաց Օստապը, քորելով վնասված տեղը, ― նիստը շարունակվում է։

Ո՞ւր են ձեր խոպոպիկները

Մինչդեռ Օստապը զննում էր Ստարսոցապի 2-րդ տունը, Իպոլիտ Մատվեևիչը, դուրս գալով դռնապանի սենյակից և ցրտություն զգալով սափրած գլխում, շարժվեց հայրենի քաղաքի փողոցներով։

Սալարկի վրայով հոսում էին գարնանային վճիտ ջրերը։ Կտուրներից ընկնող ադամանդյա կաթիլներից անընդհատ ճթճթոց և չխչխկոց էր լսվում։ Ճնճղուկներն ընկել էին գոմաղբի ետևից։ Արևը նստել էր բոլոր տանիքների վրա։ Ոսկե բիտյուգներն իրենց սմաբկներով դիտմամբ բարձրաձայն շրխակցնում էին մերկ սալարկին, և, ականջները կախ գցած, հաճույքով ունկդրում էին սեփական թխկթխկոցին։ Խոնավ հեռագրասյուների վրա կուչ էին եկել ճապաղված տառերով թաց հայտարարություններ․ «Սովորեցնում եմ կիթառի վրա նվագել թվական սիստեմով» և «Հասարակագիտության դասեր եմ տալիս ժողովրդական կոնսերվատորիա ընդունվողներին»։ Ձմեռային սաղավարտներով կարմիրբանակայինների մի դասակ անցավ ջրափոսը, որ սկսվում էր Ստարկոոպի խանութից և ձգվում ընդհուպ մինչև գուբպլանի շենքը, որի ֆրոնտոնը պսակված էր գիպսե վագրերով, հաղթանակներով և ակնոցավոր օձերով։

Իպոլիտ Մատվևիչը քայլում էր, հետաքրքրությամբ դիտելով բոլոր անցորդներին։ Նա, որ իր ամբողջ կյանքն ապրել էր Ռուսաստանում, ապրել էր հեղափոխությունը, տեսել էր, թե ինչպես է բեկվում, վերաշրջվում և փոփոխվում կենցաղը։ Նա ընտելացել էր դրան, բայց պարզվեց, որ ընտելացել էր երկրագնդի միայն մի կետում՝ գավառական քաղաքում։ Գալով իր հայրենի քաղաքը, նա տեսավ, որ ոչինչ չի հասկանում։ Նրա համար անհարմար էր ու տարօրինակ, ասես հիրավի էմիգրանտ լիներ և հենց նոր ժամանած Փարիզից։ Առաջներում, կառք նստած քաղաքի միջով անցնելիս, նա անպայման հանդիպում էր ծանոթների և դեմքով ճանանչ մարդկանց։ Այժմ նա Լենայի դեպքերի փողոցով անցել է արդեն չորս արվարձան, բայց ծանոթ չի հանդիպել։ Նրանք չքացել են կամ միգուցե այնքան են ծերացել, որ նրանց ճանաչել չի լինի, կամ գուցե անճանաչելի են դարձել, որովհետև ուրիշ հագուստ են հագնում, ուրիշ շլյապաներ են ծածկում։ Գուցե փոխել են և քայլվածքը։ Համենայն դեպս, նրանք չկային։

Իպոլիտ Մատվեևիչը քայլում էր գունատ, սառը, գլուխը կորցրած։ Նա բոլորովին մոռացել էր, որ պետք է փնտրի֊գտնի բնակբաժինը։ Նա մայթից մայթ էր անցնում, թեքվում էր նրբանցքները, որտեղ սանձարձակ բիտյուգներն արդեն բոլորովին դիտմամբ դոփում էին սմբուկներով։ Նրբանցքներում ավելի շատ ձմեռ կար և տեղ֊տեղ նեխած սառույց էր հանդիպում։ Կապույտ տները դարձել էին կանաչ, դեղինները՝ մոխրագույն, դիտանոցից անհետացել էին ռումբերը, բայց նրա վրա այլևս հրշեջ ման չէր գալիս, իսկ փողոցները ավելի աղմկալի էին, քան այդ հիշում էր Իպոլիտ Մատվևիչը։

Մեծ Պուշկինյան փողոցում Իպոլիտ Մատվեևիչին զարմացրին Ստարգորոդում բնավ չտեսնված ռելսեր և տրամվայի սյուներ՝ լարերով։ Իպոլիտ Մատվեևիչը թերթ չէր կարդում և չգիտեր, որ մայիսի մեկին Ստարգորոդում պատրաստվում են բացել տրամվայի երկու գիծ՝ Կայարանային և Ապրանքային։ Իպոլիտ Մատվեևիչին մերթ թվում էր, թե նա երբեք չի լքել Ստարոգրադը, մերթ Ստարոգրադը բոլորովին անծանոթ վայր էր պատկերանում նրան։

Այդ մտորումներով նա հասավ մինչև Մարքսի և Էնգելսի փողոցը։ Այդ վայրում նրան համակեց մանկական մի զգացում, ասես հենց հիմա երկար պատշգամբով երկհարկանի տան անկյունից անպայման դուրս է գալու մի ծանոթ։ Իպոլիտ Մատվևիչը նույնիսկ կանգ առավ սպասումով։ Բայց ծանոթը դուրս չեկավ։ Նախ անկյունից երևաց ապակեգործը՝ բոհեմյան ապակիերով լի արկղով և մի բոքոն պղնձագույն մածիկով։ Անկյունից դուրս պրծավ մի ֆրանտ կաշվեդեղին հովհար ունեցող զամշե կեպկայով։ Նրա ետևից դուրս վազեցին երեխաներ, առաջին աստիճանի աշակերտներ՝ փոկակապ գրքույկներով։

Հանկարծ Իպոլիտ Մատվևիչը տաքություն զգաց ափերում և զովություն՝ փորում։ Ուղիղ նրա կողմն էր գալիս բարեդեմ անծանոթ մի քաղաքացի, ձեռքին թավջութակի պես մի աթոռ բռնած։ Իպոլիտ Մատվևիչը, որը անսպասելիորեն սկսեց զկրտալ, ակնապիշ նայեց և իսկույն ճանաչեց իր աթոռը։

Այո։ Դա հաբսյան աթոռն էր, պաստառված հեղափոխության մրրիկներում խունացած անգլիական ծաղկավոր չթով, դա կաղնե աթոռ էր՝ ճկած ոտքերով։ Իպոլիտ Մատվևիչը այնպես զգաց իրեն, ասես ականջին կրակեցին։

― Դանակ, մկրատ սրե՜նք, ածելի սրե՜նք, ― մոտերքը բղավեց բարիտոնալ մի բաս։

Եվ իսկույն լսվեց բարակ արձագանքը։

― Կլայեկե՜նք, նորոգե՜նք․․․

― Մոսկովյան գայզեթ «Զվեստիե», ժուռնալ «Սմեխաչ», «Կրասնայա Նիվա»։

Վերևում ինչ֊որ տեղ զրնգոցով ապակի ջարդեցին։ Քաղաքը ցնցելով անցավ Մելստրոյի բեռնատարը։ Միլիցիոները սուլեց։ Կյանքը եռում և դուրս էր գալիս ափերից։ Ժամանակ կորցնելու հարկ չկար։

Իպոլիտ Մատվևիչը ընձառյուծի ոստյունով մոտեցավ զայրացուցիչ անծանոթին և լուռումունջ աթոռը քաշեց դեպի իրեն։ Անծանոթը աթոռը ետ քաշեց։ Այդ ժամանակ Իպոլիտ Մատվևիչը, ձախ ձեռքով աթոռի ոտքը պահած, սկսեց ուժով պոկել աթոռից անծանոթի հաստ մատները։

― Կողոպտո՜ւմ են, ― շշուկով ասաց անծանոթը, էլ ավելի ամուր կառչելով աթոռից։

― Թո՛ւյլ տվեք, թո՛ւյլ տվեք, ― թոթովում էր Իպոլիտ Մատվևիչը, շարունակելով պոկել անծանոթի մատները։

Սկսեց բազմություն հավաքվել։ Երեք մարդ արդեն կանգնել էին մոտերքը և աշխույժ հետաքրքրությամբ հետևում էին կոնֆլիկտի զարգացմանը։

Այդ ժամանակ երկուսն էլ երկյուղով մի հայացք նետեցին շուրջները և, իրար երեսի չնայելով, բայց աթոռը կառչուն ձեռքերից բաց չթողնելով, արագ֊արագ առաջ անցան, ասես ոչինչ չէր եղել։

«Սա ի՞նչ բան է», ― հուսահատ մտածում էր Իպոլիտ Մատվևիչը։

Թե ինչ էր մտածում անծանոթը, դժվար էր հասկանալ, բայց խիստ վճռական էր նրա քայլվածքը։

Գնալով նրանք ավելի արագ էին քայլում և խուլ նրբանցում խճով և շինանյութերով լցված մի ամբողջ վայր տեսնելով, ասես հրամանով թեքվեցին այդ կողմը։ Այստեղ Իպոլիտ Մատվևիչի ուժերը քառապատկվեցին։

― Թո՛ւյլ տվեք, ― բղավեց նա առանց քաշվելու։

― Օգնությո՜ւն, ― հազիվ լսելի ձայնով բացականչեց անծանոթը։

Եվ քանի որ երկուսի ձեռքերն էլ զբաղված էին աթոռով, նրանք սկսեցին իրար քացի տալ։ Անծանոթի սապոգները պայտերով էին, և սկզբում Իպոլիտ Մատվևիչի վիճակը բավական վատ էր։ Բայց նա շատ շուտ հարմարվեց և, մերթ աջ, մերթ ձախ ցատկելով, ասես կրակովյակ պարելիս լիներ, խույս էր տալիս հակառկորդի հարվածներից և աշխատում հարվածել թշնամու փորին։ Նրան չհաջողվեց դիպնել փորին, որովհետև աթոռը խանգարում էր, բայց փոխարենը մի լավ հասցրեց հակառակորդի ծնկոսկրին, որից հետո նա կարող էր քացի տալ միայն ձախ ոտքով։

― Օ, աստվա՜ծ իմ, ― շշնջաց անծանոթը։

Եվ այդ պահին Իպոլիտ Մատվևիչը տեսավ, որ զայրացուցիչ կերպով իր աթոռը հափշտակող անծանոթը ոչ այլ ոք է, բայց եթե Ֆլոր և Լավր եկեղեցու քահանան՝ տեր Ֆյոդոր Վոստրիկովը։

Իպոլիտ Մատվևիչը ապուշ կտրեց։

― Տեր֊հա՜յր, ― բացականչեց նա, զարմանքից ձեռքն աթոռից քաշելով։

Հայր Ոստրիկովը կարմրատակեց և մատները, վերջապես, բացեց։ Ոչ ոքի կողմից չբռնված աթոռն ընկավ ջարդած աղյուսի վրա։

― Ո՞ւր են ձեր բեղերը, հարգելի Իպոլիտ Մատվևիչ, ― ամենահնարավոր թունոտությամբ հարցրեց հոգևոր անձը։

― Իսկ ո՞ւր են ձեր խոպոպիկները։ Չէ՞ որ դուք խոպոպիկներ ունեիք։

Անտանելի ատելություն էր հնչում Իպոլիտ Մատվևիչի խոսքերի մեջ։ Նա շրջահայեց տեր Ֆյոդորին արտասովոր ազնվության հայացքով և, թևի տակ առնելով աթոռը, շուռ եկավ, որ գնա։ Բայց շփոթմունքից սթափված տեր Ֆյոդորն այդպիսի հեշտ հաղթանակ թույլ չտվեց Վորոբյանինովին։ «Ոչ, խնդրում եմ ձեզ» բղավելով, նա նորից բռնեց աթոռից։ Վերականգնվեց առաջվա դիրքավորումը։ Հակառակորդները կանգնել էին կատվի կամ բռնցքամարտիկների պես աթոռից կառչած, հայացքով չափում էին միմյանց, կողքե֊կողք գնալով։

Սրտակեղեք պաուզան տևեց մի ամբողջ րոպե։

― Ուրեմն, հայր սուրբ, ― ատամները կրճտացրեց Իպոլիտ Մատվևիչը, ― այդ դո՞ւք եք ընկել իմ ետևից։

Այս խոսքերով Իպոլիտ Մատվևիչը մի քացի հասցրեց հայր սուրբի ազդրերին։

Տեր Ֆյոդորը ճարպիկ գտնվեց և կատաղորեն մի այնպիսի հարված հասցրեց պարագլխի աճուկին, որ վերջինս կուչ եկավ։

― Սա ձեր գույքը չէ։

― Բա ո՞ւմն է։

― Ձերը չէ։

― Բա ո՞ւմն է։

― Ձերը չէ, ձերը չէ։

― Բա ո՞ւմն է, ո՞ւմը։

― Ձերը չէ։

Այդպես ֆշշացնելով, նրանք մոլեգնորեն քացահարում էին միմյանց։

― Բա ո՞ւմն է այս գույքը, ― աղաղակեց պարագլուխը, ոտը խրելով հայր սուրբի փորի մեջ։

Հայր սուրբը, ցավը հաղթահարելով, հաստատ ասաց․

― Սա ազգայնացված գույք է։

― Ազգայնացվա՞ծ։

Նրանք այնպիսի արագությամբ էին խոսում, որ խոսքերը միաձուլվում էին։

― Ո՞վ է ազգայնացրել։

― Սովետական իշխանությունը։ Սովետական իշխանությունը։

― Որ իշխանությո՞ւնը։

― Աշխատավորների։

― Ա֊ա՜֊ա՜․․․ ― ասաց Իպոլիտ Մատվևիչը սարսռելով։ ― Բանվորների և գյուղացիների իշխանությո՞ւնը։

― Հա՜֊ա՜֊ա՜։

― Հըմ․․․ Բայց միգուցե, հայր սուրբ, դուք կուսակցակա՞ն եք։

― Միգուցե։

Այստեղ Իպոլիտ Մատվեևիչը չդիմացավ և «միգուցե» բղավելով, մի լավ թքեց տեր Ֆյոդորի բարի դեմքին։ Տեր Ֆյոդորը անմիջապես թքեց Իպոլիտ Մատվևիչի դեմքին և նույնպես կպավ։ Թուքը սրբելու ճար չկար՝ ձեռքերը զբաղված էին աթոռով։ Իպոլիտ Մատվևիչը բացվող դռան ճռռոց հանեց և որքան ուժ ուներ՝ հրեց թշնամուն աթոռով։ Թշնամին ընկավ, իր հետ քարշ տալով շնչասպառ Վորոբյանինովին։ Պայքարը շարունակվում էր պարտերային վիճակում։

Հանկարծ ճայթուն լսվեց, առաջին երկու ոտքերը միանգամից կոտրվեցին։ Հակառակորդները, իրար մոտեցած, սկսեցին հոշոտել կաղնե գանձապահեստը։ Ճայի տխուր ճիչով պատառոտվեց անգլիական ծաղկավոր չիթը։ Ուժեղ թափով նետած մեջքը թռավ մի կողմի վրա։ Գանձ որոնողները պոկոտեցին պաստառը՝ պղնձյա կոճակների հետ միասին և, զսպանակներից վիրավորվելով, մատները խրեցին բրդե լցվածքի մեջ։ Անհանգստացած զսպանակները երգում էին։ Հինգ րոպե անց աթոռն ամբողջովին բմբլահան էր արված։ Նրանից մնացին պոզիկներն ու տոտիկները։ Զսպանակները գլրովել էին դես ու դեն։ Քամին ամայի վայրով մեկ քշում֊տանում էր նեխած բուրդը։ Ճկած ոտքերը ընկել էին փոսի մեջ։ Ադամանդները չկային։

― Հը, ոնց է, գտա՞ք, ― հարցրեց Իպոլիտ Մատվևիչը շնչասպառ լինելով։

Տեր Ֆյոդորը ամբողջովին բրդի ծվեններով պատած, հևում էր ու լռում։

― Դուք աֆերի՛ստ եք, ― բղավեց Իպոլիտ Մատվևիչը։ ― Ես ձեր քիթումռութը կջարդեմ, տեր Ֆյոդոր։

― Ձեռնքերդ կարճ են, ― պատասխանեց տեր֊հայրը։

― Հիմա ո՞ւր եք գնալու ամբողջովին բրդակոլոլ։

― Ձեր ի՞նչ գործն է։

― Ամոթ է, տեր հայր։ Դուք պարզապես գող եք։

― Ես ձեզնից ոչինչ չեմ գողացել։

― Բա ինչպե՞ս իմացաք այս մասին։ Ձեր շահերի համա՞ր օգտագործեցիք խոստովանության գաղտնիքը։ Շատ լա՜վ։ Շատ գեղեցի՜կ։

Իպոլիտ Մատվևիչը գարշանքով «թյու» անելով լքեց ամայի տեղը և, քայլելիս մաքրելով վերարկուի թևքը, գնաց դեպի տուն։ Լենայի դեպքերի փողոցի և Երոֆեևյան նրբացքի անկյունում Վորոբյանինովը տեսավ իր կոմպանյոնին։ Կոնցեսիայի տեխնիկական դիրեկտորը և գլխավոր ղեկավարը կանգնել էր կիսադարձ, ձախ ոտքը փոքր֊ինչ բարձրացրած․ նրա զամշե կոշիկները մաքրում էին վառ դեղին կրեմով։ Իպոլիտ Մատվեևիչը մոտ վազեց նրան։ Դիրեկտորն անհոգ «Շիմմի» էր մռմռում քթի տակ։

Առաջ այդ բանը ուղտերն էին անում,
Առաջ պարում էին բա֊դա֊բու֊դում,
Իսկ հիմա բոլորը շիմմի ե պարում․․․

― Հը, ո՞նց է բնակբաժնի գործը, ― հարցրեց նա գործարար տոնով և իսկույն ավելացրեց․ ― սպասեցեք, մի պատմեք, դուք անչափ հուզված եք, հովացեք։

Կոշիկ մաքրողին յոթ կոպեկ տալուց հետո Օստապը թևանցուկ արավ Վորոբյանինովին և քարշ տվեց փողոցով։ Օստապը մեծ ուշադրությամբ լսեց այն ամենը, ինչ պատմեց հուզված Իպոլիտ Մատվեևիչը։

― Ըհը՛։ Մի փոքրիկ սև մորո՞ւք։ Ճի՞շտ է։ Ոչխարե օձիքով վերարկո՞ւ։ Հասկանում եմ։ Դա անկելանոցի աթոռն է։ Գնված է այսօր առավոտյան երեք ռուբլով։

― Կացեք ախր․․․

Եվ Իպոլիտ Մատվեևիչը գլխավոր կոնցեսիոներին իրազեկ դարձրեց տեր Ֆյոդորի բոլոր ստորություններին։

Օստապը մռայլվեց։

― Թթու գործ է, ― ասաց նա, ― Լեյխտվեյսի քարանձավը։ Խորհրդավոր ախոյան։ Պետք է կանխել նրան, իսկ նրա քիթմռութը տրորելու ժամանակ դեռ կունենանք։

Մինչ բարեկամները մի բան կուտեին «Ստենկա Ռազին» գարեջրատանը և Օստապը հարցուփորձով կիմանար, թե առաջներում ո՛ր տանն է գտնվել բնակբաժինը և հիմա ո՛ր հիմնարկությունն է այնտեղ, օրը վերջացավ։

Ոսկե բիտյուգները նորից դարձան սրճագույն։ Ադամանդյա կաթիլները սառչում էին օդի մեջ և փխլվում գետնին։ Գարեջրատներում և «Ֆենիկս» ռեստորանում գարեջրի գինը բարձրացավ՝ իրիկունը վրա հասավ։ Մեծ Պուշկինյան փողոցի վրա վառվեցին էլեկտրական լամպերը և գարնանային առաջին զբոսանքից տուն վերադառնալով, թմբուկի կտկտոցով անցավ պիոներական ջոկատը։

Գուբպլանի վագրերը և ակնոցավոր օձերը խորհրդավոր կերպով շողշողում էին քաղաքի վրա բարձրացող լուսնի տակ։

Իպոլիտ Մատվեևիչը, հանկարծակի սսկած Օստապի հետ տուն գնալիս, նայեց Գուբպլանի վագրերին և օձերին։ Ժամանակին այստեղ տեղավորված էր նահանգային զեմստվոյական վարչությունը, և քաղաքացիները շատ էին հպարտանում օձերով, նրանց համարելով Ստարգորոդի տեսարժան բաները։

«Կգտնեմ», ― անցավ Իպոլիտ Մատվևիչի մտքով, երկար նայելով գիպսե հաղթանակին։

Վագրերը սիրալիր թափահարում էին պոչերը, օձերը խնդագին կծկվում էին, և Իպոլիտ Մատվեևիչի հոգին լցվում էր հավատով։

Փականագործը, թութակը և գուշակուհին

Պերելեշինյան նրբանցքի N7 տունը Ստարգորոդի լավագույն տների թվին չէր պատկանում։ Երկրորդ կայսրության ոճով կառուցված նրա երկու հարկերը զարդարված էին առյուծի ջարդոտած մռութներով, որոնք անասելի կերպով նման էին ժամանակին հայտնի գրող Արցիբաշին։ Ուղիղ ութը՝ նրբանցքին նայող պատուհանների թվով՝ արցիբաշևյան դեմքեր կային։ Այդ առյուծի մռութները տեղավորված էին պատուհանների պորտերի մոտ։

Տան վրա ևս երկու զարդարանք կար՝ բայց արդեն զուտ առևտրական բնույթի։ Մի կողմից կախված էր լազուր ցուցանակ․

Օդեսյան
բուբլիկների արտել
Մոսկովյան օղաբլիթներ

Ցուցանակի վրա պատկերված էր մի երիտասարդ՝ փողկապով և ֆրանսիական կարճ անդրավարտիքով։ Նա շուռ տված ձեռքով բռնել էր առատության հեքիաթային եղջյուրը, որից լավայի պես թափվում էին մոսկովյան դեղին օղաբլիթները, որոնք կարիքի դեպքում կարող էին և օդեսյան բուբլիկներ համարվել։ Ընդ որում երիտասարդը երանությամբ ժպտում էր։ Մյուս կողմից «Բիստրոուպակ» փաթաթման գրասենյակը հարգելի պատվիրատու քաղաքացիներին իր մասին ծանուցում էր ոսկյա կլոր տառերով սև ցուցանակով։

Չնայած ցուցանակների և շրջանառու կապիտալի մեծության զգալի տարբերության, այդ երկու տարատեսակ ձեռնարկությունները զբաղվում էին միևնույն գործով։ Ամեն տեսակ կտորեղենի ― կոպտաբուրդ, նրբաբուրդ, բամաբակի ― սպեկուլյացիաով, իսկ եթե պատահում էր լավ գույնի և նախշի մետաքս, ապա և մետաքսի սպեկուլյացիաով։

Անցնելով թունելային խավարով և ջրով ողողված դարբասով ու թեքվելով աջ՝ ցեմենտե ջրհորով բակը, կարելի էր տեսնել երկու անգավիթ դռներ, որոնք ուղիղ բացվում էին բակի սուր քարերի վրա։ Աջ դռան վրա փակցված էր պղնձյա գորշ մի տախտակ՝ վրան փորագրած ձեռագիր ազգանուն․

Վ․ Մ․ Պոլեսով

Ձախի վրա փակցված էր սպիտակ թիթեղ․

Մոդաներ և շլյսպաներ

Սա ևս միայն տեսքի համար էր։

Մոդաների և շլյապաների արհեստանոցի ներսում ո՛չ կարել կար, ո՛չ ձևել, ո՛չ անգլուխ մանեկեններ՝ սպայական կեցվածքով, ո՛չ էլ գլխի կաղապարներ՝ կանացի շքեղ շլյապաների համար։ Այդ խաբուսիկ բաների փոխարեն երեքսենյականոց բնակարանում ապրում էր անարատ սպիտակության մի թութակ՝ կարմիր վարտիքով։ Լվերը թութակի հոգին հանում էին, բայց նա ոչ ոքի գանգատվել չէր կարող, որովհետև մարդկային ձայնով չէր խոսում։ Թութակն ամբողջ օրերով արևածաղկի սերմ էր չրթում և կճեպը վանդակի ճյուղերի արանքով թքում գորգի վրա։ Պակասում էին միայն հարմոն և ճռճռացող նոր ոտնամաններ, որպեսզի նա նմանվեր կոնծած միայնակ֊տնայնագործի։ Պատուհաններին փողփողում էին մուգ֊սրճագույն ծոպավոր վարագույրներ։ Բնակարանում գերակշռում էր Բյոկլինի «Մեռածների կղզին» նկարի ռեպրոդուկցիան՝ ապակեպատ, մուգ կանաչ գույնի կաղնե ողորկ շրջանակի մեջ։ Ապակու մի անկյունը վաղուց թռել էր և նկարի բաց մասը ճանճերն այնպես էին ծերտոտել, որ բոլորովին ձուլվել էր շրջանակի հետ։ Արդեն հնարավոր չէր իմանալ, թե ինչ է կատարվում մեռածների կղզու այդ մասում։

Ննջարանում մահճակալի վրա նստել էր ինքը տանտիրուհին և արմունկներով հենված ութանկյունանի սեղանին, որը ծածկված էր կեղտոտ ռիշելյե սփռոցով, թուղթ էր բաց անում։ Նրա առջևում բմբլե շալով նստել էր այրի Գրիցացուևան։

― Պետք է ձեզ զգուշացնեմ, օրիորդ, որ ես սեանսի համար հիսուն կոպեկից պակաս չեմ վերցնում, ― ասաց տանտիրուհին։

Այրին, որ նոր ամուսին գտնելու իր ձգտումների մեջ արգելառիթներ չէր ճանաչում, համաձայնեց վճարել սահմանված գինը։

― Միայն թե, խնդրում եմ, ապագայի մասին էլ, ― աղերսագին խնդրեց նա։

― Ձեզ պետք է գուշակել խաչի աղջկա վրա։

Այրին առարկեց․

― Ես միշտ փոսիկի աղջիկն եմ եղել։

Տանտիրուհին անտարբեր համաձայնեց և սկսեց դասավորել թղթերը։ Այրու բախտավիճակի սևագիր կանխորոշումը տրվեց արդեն մի քանի րոպե անց։ Այրուն սպասում էին մեծ ու փոքր անախորժություններ, իսկ սրտումը կար խաչի թագավորը, որի հետ մտերմություն էր անում ագռավի աղջիկը։

Մաքրագրած գուշակեցին ձեռքի վրա։ Այրի Գրիցացուևայի ձեռքի գծերը մաքուր էին, ուժեղ և անբասիր։ Կյանքի գիծը այնքան հեռուներն էր գնում, որ նրա վերջը մտնում էր զարկերակի մեջ, և եթե գիծը ճիշտ էր ասում, ապա այրին ապրելու էր մինչև ահեղ դատաստանը։ Խելքի և արվեստի գծերը իրավունք էին տալիս հուսալու, որ այրին վերջ կտա բակալեայի առևտրին և մարդկությանը կնվիրի չգերազանցված գլուխ֊գործոցներ արվեստի, գիտության կամ հասարակագիտության ուզածդ բնագավառում։ Այրու Վեներայի թմբիկները նմանվում էին մանջուրական բլրակներին և սիրո ու քնքշանքի հրաշալի պաշարներ էին դրսևորում։

Գուշակուհին այդ ամենը բացատրեց այրուն՝ գործածելով գրաֆոլոգների, խիրոմանտների և ձիավաճառների շրջանում ընդունված բառեր և տերմիններ։

― Ա՜յ, շնորհակալ եմ ձեզանից, տիկին, ― ասաց այրին, ― հիմա որ արդեն գիտեմ, թե ով է խաչի թագավորը։ Ագռավի աղջիկն էլ է ինձ հայտնի։ Իսկ թագավորը մարյաժայի՞ն է։

― Մարյաժային է, օրիորդ։

Այրին թևավորված տուն գնաց։ Իսկ գուշակուհին, խաղաթղերը արկղ նետելով, հորանջեց, ցույց տալով հիսնամայա կնոջ երախը և գնաց խոհանոց։ Այնտեղ նա զբաղվեց ճաշով, որ տաքանում էր «Գրեց» նավթավառի վրա, խոհարարուհու պես ձեռքերը սրբեց գոգնոցով, վերցրեց տեղ֊տեղ էմալը թափված դույլը և գնաց բակ ջուր բերելու։

Նա քայլում էր բակում, ծանրորեն շարժվելով տափակ ոտնաթաթերի վրա։ Նրա կիսաքայքայված կուրծքը ալարկոտ թրթռում էր վերաներկած կոֆտայի մեջ։ Գլխի վրա բուսել էր ալեհեր մազերի մի ավել։ Նա պառավ էր, կեղտոտ, կասկածանքով էր նայում բոլորին և սիրում էր քաղցրեղեն։ Եթե Իպոլիտ Մատվեևիչը հիմա տեսներ նրան, ապա երբեք չէր ճանաչի Ելենա Բոուրին, իր հին սիրուհուն, որի մասին դատարանի քարտուղարը մի ժամանակ ոտանավորով ասել էր, թե «համբույրների է նա կանչում, օդային էակ է նա»։ Ջրհորի մոտ տիկին Բոուրին ողջունեց հարևանը՝ ինտելիգենտ֊փականակագործ Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը, որը ջուր էր վերցնում բենզինի բիդոնով։ Պոլեսովը օպերային սատանայի դեմք ուներ, որին նախքան բեմ թողնելը խնամքով մուր են քսել։

Ողջյուններ փոխանակելուց հետո հարևանները խոսեցին ամբողջ Ստարոգրադին զբաղեցնող գործի մասին։

― Ի՜նչ օրի հասանք, ― հեգնորեն ասաց Պոլեսովը, ― երեկ ամբողջ քաղաքը տակնուվրա արեցի, երեքութերորդական դյույմանոց պլաշկա չկարողացա ճարել։ Չկա՛։ Չէ։ Մինչդեռ պատրաստվում են տրամվայ բաց թողնել։

Ելենա Ստանիսլավովնան, որը երեքութերորդական դյույմանոց պլաշկայի մասին այնքան գաղափար ուներ, որքան գյուղատնտեսության մասին ունենում է Լեոնարդո դա Վինչիի անվան խորեոգրաֆիկ դասընթացների ունկնդրուհին, որի կարծիքով կաթնաշոռը ստացվում է վարենիկներից, այնուամենայնիվ կարեկցեց․

― Ի՜նչ խանութներ են հիմա։ Հիմա միայն հերթեր կան, իսկ խանութներ չկան։ Իսկ ամենից սարսափելին այդ խանութների անուններն են։ Ստարկոոպա՜ռ․․․

― Չէ, գիտեք, Ելենա Ստանիսլավովնա, դա դեռ ի՜նչ է որ։ Նրանց չորս մոտոր է մնացել «Ընդհանուր էլեկտրական կոմպանիայից»։ Դե դրանք մի կերպ յոլա կտանեն, թեև թափքը անպետք է․․․ Ապակին ռետինների վրա չէ։ Ինքս եմ տեսել։ Զնգզնգալու է շարունակ․․․ Սարսա՛փ։ Իսկ մնացած մոտորները՝ Խարկովի արտադրանք են։ Տեղովը գոսպրոմցվետմետ։ Մի վերստ հազիվ քաշեն։ Ես տեսել եմ դրանց։

Փականագործը ջղայնացած լռեց։ Նրա սև դեմքը արևի տակ փայլում էր։ Աչքերի սպիտակուցները դեղնավուն էին։ Մոտոր ունեցող տնայնագործների մեջ, որոնցով առատ էր Ստարգորոդը, Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը անշնորք էր և ավելի հաճախ էր ընկնում անախորժ վիճակի մեջ, քան ուրիշները։ Դրա պատճառը նրա չափից դուրս կրակոտ բնավորությունն էր։ Դա եռուն ծույլի մեկն էր։ Շարունակ փրփրում էր։ Նրան հնարավոր չէր գտնել իր սեփական արհեստանոցում, որ գտնվում էր Պերելշինյան նրբանցքի N7 տան երկրորդ բակում։ Հանգած շարժական քուրան որբուկի պես կանգնած էր քարաշեն սարայի մեջտեղը, որի անկյուններում թափված էին ծակված կամերաներ, պատռված «Տրեուգոլնիկ» պահպանաշերտեր, կարմրագորշ կողպեքներ ― այնքան մեծ, որ դրանցով կարելի էր քաղաքներ կողպել, ― վառելանյութի փափուկ բակեր՝ «Jndian» և «Wanderer» մակագրություններով, մանկական զսպանակավոր ձեռնասայլակ, հավետ լռած դինամո, դաբաղած նեխած կաշեփոկեր, յուղոտված խծուծ, մաշված հղկաթուղթ, ավստրիկան սվին և բազում ծռմռված, պատառոտված և ճխլտված անպետքություններ։ Պատվիրատուները չէին գտնում Վիկտոր Միխայլովիչին։ Վիկտոր Միխայլովիչն ինչ֊որ տեղ կարգադրություններ էր անում։ Նա աշխատանքի հետ գլուխ չուներ։ Նա չէր կարող հանգիստ նայել իր կամ ուրիշի բակը մտնող բեռնասայլորդին։ Պոլեսովն անմիջապես բակ էր դուրս գալիս և, ձեռերը ետևին դրած, արհամարհանքով դիտում էր սայլորդի գործողությունները։ Վերջապես նրա սիրտը չէր դիմանում։

― Բա ո՞վ է էդպես ներս մտնում, ― բղավում էր նա սարափելով։ ― Շո՛ւռ տուր։

Վախեցած սայլորդը շուռ էր տալիս։

― Ո՞ւր ես շուռ տալիս, ռեխի մեկը, ― տառապում էր Վիկտոր Միխայլովիչը, վրա պրծնելով ձիուն։ ― Հին ժամանակներում մի լավ կհասցնեին քո մռութին, այն ժամանակ շուռ կտայիր։

Այդպես կես ժամի չափ հրամաններ արձակելուց հետո Պոլեսովը հենց այն է պատրաստվում էր վերադառնալ արհեստանոց, ուր նրան սպասում էր չնորոգված հեծանվային պոմպը, բայց այդ պահին քաղաքի անդորր կյանքը սովորաբար դարձյալ խախտվում էր որրևէ թյուրիմացությունից։ Մերթ փողոցում սռնիներով իրար էին դիպչում երկու սայլակ, և Վիկտոր Միխայլովիչը ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է դրանք ամենից լավ և արագ անջատել իրարից, մերթ փոխում էին հեռագրասյունը, և Պոլեսովը իր իսկ արհեստանոցից հատկապես բերած ուղղալարով ստուգում էր սյան ուղղահայացությունը գետնի նկատմամբ, մերթ, վերջապես, անցնում էր հրշեջ գումակը, և Պոլեսովը շեփորի հնչյուններից հուզված և անհանգստության կրակից տոչորված, վազում էր հրշեջ կառքերի ետևից։

Սակայն երբեմն Վիկտոր Միխայլովիչին համակում էր ռեալ գործողության տարերքը։ Մի քանի օրով նա փակվում էր արհեստանոցում և սուսուփուս աշխատում։ Երեխաներն ազատ վազվզում էին բակում և բղավում՝ ինչ ուզում էին, բեռնասայլորդները բակում գծում էին ինչ ծուռումուռ գծեր ասես, փողոցում սայլակները ընդհանրապես դադարում էին իրար կցվելուց, և հրշեջ կառքերն ու դիակառքերը մեն֊մենակ գլորվում էին դեպի հրդեհի վայրը ― Վիկտոր Միխայլովիչը աշխատում էր։ Մի անգամ, թունդ հարբեցողությունից հետո, նա ինչպես կոտոշներից բռնած խոյի, բակ դուրս բերեց մի մոտոցիկլ, որ բաղկացած էր ավտոմոբիլների, կրակմարիչների, հեծանիվների և գրամեքենաների կտորտանքներից։ Մեկ ու կես ուժանոց մոտորը վենդերերյան էր, անիվները՝ դավիդսոնյան, իսկ մնացած էական մասերը վաղուց արդեն կորցրել էին ֆիրմաները։ Թամբից շպագատով կախված էր խավաքարտե մի պլակատ՝ «Փորձարկում»։ Բազմություն հավաքվեց։ Վիկտոր Միխայլովիչը, ոչ ոքի չնայելով, ձեռքով պտտեց պեդալը։ Տասը րոպեի չափ կայծ չէր ստացվում։ Ապա լսվեց երկաթյա չփչփոց, գործիքը դողդողաց և կորավ կեղտոտ ծխի մեջ։ Վիկտոր Միխայլովիչը նետեց իրեն թամբի վրա, և մոտոցիկլը, խելացնոր արագություն վերցնելով, թունելի միջով դուրս բերեց նրան սալարկած փողոցի մեջտեղը և մեկից կանգ առավ, ասես գնդակահարված։ Վիկտոր Միխայլովիչը այն է պատրաստվում էր իջնել և ստուգել իր հանելուկային մեքենան, երբ նա հանկարծ ետընթաց շարժում կատարեց և տարավ իր ստեղծողին նույն թունելի միջով, կանգնեց նույն տեղը, որտեղից մեկնել էր՝ բակի մեջտեղում, փնթփնթալով ախ քաշեց և պայթեց։ Վիկտոր Միխայլովիչը հրաշքով փրկվեց և մոտոցիկլի կտորտանքներից հարբեցողության մյուս շրջանում սարքեց ստացիոնար շարժիչ, որը շատ էր նմանվում իսկականի, բայց չէր աշխատում։

Ինտելիգենտ֊փականագործի ակադեմիական գործունեության պսակը հարևան N5 տան դարբասի էպոպեան էր։ Այդ տան բնակընկերությունը պայմանագիր կնքեց Վիկտոր Միխայլովիչի հետ, որով Պոլեսովը պարտավորվում էր լրիվ կարգի բերել երկաթյա դարբասը և իր հայեցողությամբ ներկել այն որևէ հաճելի գույնով։ Մյուս կողմից բնակընկերությունը պարտավորվում էր աշխատանքները հատուկ հանձնաժողովի կողմից ընդունելուց հետո Վ․ Մ․ Պոլեսովին վճարել քսանմեկ ռուբլի յոթանասունհինգ կոպեկ։ Դրոշմանիշների ծախսը աշխատանք կատարողի հաշվին էր։

Վիկտոր Միխայլովիչը Սամսոնի պես քարշ տվեց բերեց դարբասը։ Արհեստանոցում ոգևորված գործի անցավ։ Երկու օր գնաց դարբասը գամահանելու վրա։ Այն դասավորվեց ըստ բաղկացուցիչ մասերի։ Չուգունե պարուրազարդերը ընկած էին մանկական ձեռնասայլակի մեջ, երկաթյա շտանգները և գեղարդները դարսված էին դազգահի տակ։ Մի քանի օր էլ գնաց վնասվածքները զննելու վրա։ Իսկ հետո քաղաքում մի մեծ անախորժություն պատահեց․ Դրովյանայա փողոցի վրա պայթեց մագիստրալ ջրմուղ խողովակը, և Վիկտոր Միխայլովիչը շաբաթվա մնացած օրերը անցկացրեց վթարի վայրում, հեգնորեն ժպտալով, բանվորների վրա բղավելով և ամեն րոպե վիհի մեջ նայելով։

Երբ Վիկտոր Միխայլովիչի կազմակերպչական ավյունը փոքր֊ինչ մեղմացավ, նա նորից մոտ եկավ դարբասին, բայց ուշ էր․ բակի երեխաներն արդեն խաղում էին N5 տան դարբասի պարուրազարդերով և գեղարդիներով։ Տեսնելով զայրացած փականագործին, երեխաները վախեցած շաղ տվեցին խաղալիքները և փախան։ Պարուրազարդերի կեսը չկար և չհաջողվեց գտնել։ Դրանից հետո Վիկտոր Միխայլովիչը անձամբ մասնակցում էր գողերին հետապնդելու գործին, բայց գողը, թեև պարզած ձեռքերով էր տանում եռացող ինքնաեռը, որի թիթեղյա խողովակից բոց էր ելնում, վազում էր շատ արագ, և շուռ գալով կեղտոտ խոսքերով պարսավում էր ամենից առջևում գտնվող Վիկտոր Միխայլովիչին։ Բայց բոլորից շատ տուժեց N5 տան դռնապանը։ Նա կորցրեց ամենգիշերյա վաստակը․ դարբասը չկար, բացելու բան չկար և քեֆ անող բնակիչները ոչ մի առիթ չունեին նրան տասկոպեկանոց բաշխելու։ Սկզբում դռնապանը գնում էր իմանալու, թե շո՞ւտ կպատրաստվի արդյոք դարբասը, հետո սկսեց աղաչել֊պաղատել հիսուս֊քրիստոսով, իսկ վերջում սկսեց անորոշ սպառնալիքներ արտասանել։ Բնակընկերությունը գրավոր հիշեցումներ էր ուղարկում Վիկտոր Միխայլովիչին։ Դատարանի հոտ էր փչում։ Դրությունը գնալով լարվում էր։

Գուշակուհին և էնտուզիաստ փականագործը, ջրհորի մոտ կանգնած, շարունակում էին զրուցել։

― Ներծծված շպալների բացակայության առկայության դեպքում, ―բակով մեկ բղավում էր Վիկտոր Միխայլովիչը, ― դա ոչ թե տրամվայ է լինելու, այլ դարդ ու բալա։

― Ե՞րբ է այդ ամենը վերջանալու, ― ասաց Ելենա Ստանիսլավովնան։ ― Ապրում ենք վայրենիների պես։

― Դրան վերջ չկա․․․ Բա՜ս։ Գիտե՞ք, այսօր ումն եմ տեսել։ Վորոբյանինովին։

Ելենա Ստանիսլավովնան կրթնեց ջրհորին, ապշած շարունակելով կախած պահել ջրով լի դույլը։

― Գնացել էի կոմունխոզ արհեստանոցի վարձակալման պայմանագիրը երկարացնելու, անցնում էի միջանցքով։ Հանկարծ երկու հոգի մոտենում են ինձ։ Նայեմ՝ ինչ֊որ ծանոթ դեմք։ Ասես Վորոբյանինովը լինի։ Ու հարցնում են․ «Ասացեք, առաջներում ի՞նչ հիմնարկություն է եղել այս շենքում»։ Ասում եմ, թե առաջներում այստեղ եղել է իգական գիմնազիա, իսկ հետո բնակբաժին։ «Իսկ ձեր ինչի՞ն է պետք», ― հարցնում եմ։ Իսկ նրանք ասում են «շնորհակալություն» և առաջ են անցնում։ Էստեղ ես պարզ տեսա, որ դա Վորոբյանինովն է, միայն թե առանց բեղերի։ Ինչո՞ւ համար էր եկել այստեղ։ Իսկ հետի էն մյուսը՝ տեսքով տղամարդ էր։ Որոշակի նախկին սպա։ Էստեղ մտքովս անցավ․․․

Այդ րոպեին Վիկտոր Միխայլովիչը անախորժ մի բան տեսավ։ Խոսքն ընդհատելով, նա ճանկեց իր բիդոնը և արագ թաքնվեց աղբարկղի ետևում։ Դանդաղ քայլերով բակ մտավ N5 տան դռնապանը, կանգ առավ ջրհորի մոտ և սկսեց աչք ածել բակի շենքերը։ Ոչ մի տեղ Վիկտոր Միխայլովիչին չտեսնելով, տխրեց։

― Փականակագործ Վիտկան էլի՞ չկա, ― հարցրեց նա Ելենա Ստանիսլավովնային։

― Ախ, ես ոչինչ չգիտեմ, ― ասաց գուշակուհին, ― ոչինչ չգիտեմ։

Եվ արտասովոր հուզված, դույլից ջուրը շաղ տալով, շտապ գնաց իր տունը։

Դռնապանը շոյեց ջրհորի ցեմենտի ճախարակը և գնաց արհեստանոց։

Փականակագործի արհեստանոցի
մուտքը

ցուցանակից երկու քայլ հեռավորության վրա աչքի էր ընկնում մեկ ուրիշ ցուցանակ․

Փականակագործի արհեստանոց
և
պրիմուսների նորոգում

որի տակ ծանր կողպեք էր կախված։ Դռնապանը ոտքով խփեց կողպեքին և ատելությամբ ասաց․

― Ը՜, գանգրենա։

Դռնապանը մի երեք րոպե ևս կանգնեց արհեստանոցի մոտ, լցվելով ամենաթունոտ զգացմունքներով, հետո դղրդոցով պոկեց ցուցանակը, տարավ դրեց բակի մեջտեղը, ջրհորի մոտ, և երկու ոտքով վրան կանգնելով, սկանդալ բարձրացրեց։

― Ձեր այդ համար յոթ տանը գողեր են ապրում, ― գոռում էր դռնապանը։ ― Ամեն տեսակ սրիկաներ։ Յոթ գլխանի իժեր։ Միջնակարգ կրթությո՜ւն ունի․․․ Ես էդ միջնակարգ կրթությանը չեմ նայի․․․ Անիծվա՛ծ գանգրենա․․․

Աիդ միջոցին միջնակարգ կրթություն ստացած յոթգլխանի իժը աղբարկղի ետևը նստել էր բիդոնի վրա և թախծում էր։

Շրխկոցով բացվում էին շրջանակները և պատուհաններից դուրս էին նայում ուրախ կենվորները։ Փողոցից առանց շտապելու բակ էին մտնում հետաքրքրվողները։ Աուդիտորիա տեսնելուն պես դռնապանը ավելի տաքացավ։

― Փականակագործ֊մեխանի՛կ, ― գոռգոռում էր դռնապանը։ ― Արիստոկրատ շանորդի։

Դռնապանը պառլամենտական արտահայտությունները շուտ֊շուտ փոխարինում էր անցենզուր խոսքերով, որոնց նախապատվություն էր տալիս։ Կանանց թույլ դասը, որ խիստ կպել էր պատուհանի գոգերին, շատ էր վրդովվում դռնապանի վրա, բայց պատուհանից չէր հեռանում։

― Քիթումռութդ կտրորե՛մ, ― մոլեգնում էր դռնապանը։ ― Կրթվածի մեկը։

Երբ սկանդալը հասել էր իր գագաթնակետին, հայտնվեց միլիցիոները և լուռումունջ սկսեց սկանդալիստին քարշ տալ քաղաքամաս։ Միլիցիոներին օգնում էին «Բիստրոուպակի» տղաները։

Դռնապանը հլու֊հնազանդ փարվեց միլիցիոների վզին և լաց եղավ։

Վտանգը անցավ։

Այդ պահին աղբարկղի ետևից դուրս ցատկեց հոգետանջ Վիկտոր Միխայլովիչը։ Աուդիտորիան աղմկեց։

― Գյադա՛, ― բղավեց Վիկտոր Միխայլովիչը թափորի ետևից։ ― Գյադա՛։ Ես քեզ ցույց կտամ։ Սրիկա՛։

Դառնագին հեկեկացող դռնապանը, այդ ամենը չլսեց։ Նրան ձեռքի վրա տանում էին բաժանմունք։ Իբրև իրեղեն ապացույց այնտեղ քարշ տվին նաև «Փականագործի արհեստանոց և պրիմուսների նորոգում» ցուցանակը։

Վիկտոր Միխայլովիչը դեռ երկար ժամանակ հոխորտում էր․

― Շո՛ւն շնորդիներ, ― ասում էր նա դիմելով հանդիսականներին, ― մեծ կարծիքի եք ձեր մասին։ Գյադանե՛ր։

― Հերի՛ք է, Վիկտոր Միխայլովիչ, ― պատուհանից բղավեց Ելենա Ստանիսլավովնան։ ― Անցե՛ք մի րոպեով ինձ մոտ։

Նա մի պնակ կոմպոտ դրեց Վիկտոր Միխայլովիչի առջև և, սենյակում անցուդարձ անելով, սկսեց հարցուփորձ անել․

― Քեզ ասում եմ, որ դա նա էր, առանց բեղերի, բայց նա, ― ըստ սովորության բղավում էր Վիկտոր Միխայլովիչը, ― ես ախր հիանալի գիտեմ նրան։ Տեղովը Վորոբյանինովն է։

― Կամաց, ի սեր աստծո։ Ինչո՞ւ է եկել, ինչ եք կարծում։

Վիկտոր Միխայլովիչի սև դեմքի վրա հեգնական ժպիտ նկատվեց։

― Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

Նա քմծիծաղ տվեց ավելի մեծ հեգնանաքով։

― Համենայն դեպս ոչ պայմանագիր ստորագրելու բոլշևիկների հետ։

― Դուք կարծում եք, թե նա վտանգի՞ է ենթակա։

Հեղափոխության տասը տարիների ընթացքում Վիկտոր Միխայլովիչի կուտակած հեգնանքի պաշարները անսպառ էին։ Նրա դեմքի վրա խաղաց տարբեր ուժի և կասկածանքի ժպիտների շարք։

― Սովետական Ռուսաստանում ո՞վ չի ենթարկվում վտանգի, առավել ևս Վորոբյանինովի վիճակում գտնվող մարդը։ Բեղերը, Ելենա Ստանիսլավովնա, զուր տեղը չեն սափրում։

― Նա ուղարկված է արտասահմանի՞ց, ― հարցրեց Ելենա Ստանիսլավովնան, գրեթե շնչասպառ։

― Անպայմա՛ն, ― պատասխանեց հանչարեղ կականագործը։

― Ի՞նչ նպատակով է եկել այստեղ։

― Երեխա մի լինեք։

― Միևնույն է։ Ես պետք է նրան տեսնեմ։

― Իսկ գիտե՞ք, թե ինչով եք ռիսկում։

― Ա՛հ, միևնույն է։ Տասը տարվա անջատումից հետո ես չեմ կարող չտեսնվել Իպոլիտ Մատվեևիչի հետ։

Նրան իսկապես թվաց, թե ճակատագիրը իրենց բաժանել է հենց այն պահին, երբ նրանք սիրում էին միմյանց։

― Աղաչում եմ ձեզ, գտեք նրան։ Իմացեք, որտեղ է նա։ Դուք ամեն տեղ լինում եք։ Դժվար չի լինի ձեզ համար։ Հաղորդեցեք, որ ես ուզում եմ տեսնել նրան։ Լսո՞ւմ եք։

Կարմիր վարտիկով թութակը, որ նիրհել էր թառի վրա, վախեցավ աղմկոտ խոսակցությունից, շուռ եկավ գլխի վրա և այդ վիճակում քարացավ։

― Ելենա Ստանիսլավովնա, ― ասաց փականագործ֊մեխանիկը, վեր կենալով և ձեռքը կրծքին սեղմելով, ― ես կգտնեմ նրան և կկապվեմ հետը։

― Գուցե էլի՞ կոմպոտ ուզենայիք, ― հուզվեց գուշակուհին։

Վիկտոր Միխայլովիչը կերավ կոմպոտը, քինոտ զեկուցում կարդաց թութակի վանդակի սխալ կառուցվածքի մասին և հրաժեշտ տվեց Ելենա Ստանիսլավնովնային, խորհուրդ տալով նրան խիստ գաղտնի պահել այդ ամենը։

Այբենական ցանկ՝ «Կյանքի հայելին»

Կոմպանյոնները երկրորդ օրը համոզվեցին, որ այլևվս անհարմար է ապրել դռնապանի սենյակում։ Տիխոնը փնթփնթում էր՝ բոլորովին շշմած այն բանից հետո, երբ աղային տեսավ նախ սևաբեղ, հետո կանաչաբեղ, իսկ վերջում բոլորովին անբեղ։ Քնելու տեղ չկար։ Դռնապանի սենյակում նեխվող գոմաղբի հոտ էր կանգնած, որ տարածում էին Տիխոնի նոր վալենկաները։ Հին վալենկաները դրված էին անկյունում և նույնպես չէին «օզոնավորում» օդը։

― Հուշերի երեկոն համարում եմ փակված, ― ասաց Օստապը, ― պետք է տեղափոխվել հյուրանոց։

Իպոլիտ Մատվեևիչը ցնցվեց։

― Այդ մեկը չի կարելի։

― Ինչո՞ւ։

― Այնտեղ ստիպված ենք գրանցվել։

― Անձնագիրը կարգին վիճակում չէ՞։

― Ոչ, անձնագիրը կարգին է, բայց քաղաքում լավ ծանոթ են իմ ազգանվանը։ Ասեկոսներ կսկսվեն։

Կոնցեսիոներները մտախոհ լռեցին։

― Իսկ ձեզ դո՞ւր է գալիս Միխելսոն ազգանունը, ― անսպասելիորեն հարցրեց Օստապը։

― Ո՞ր Միխելսոնը։ Սենա՞տոր։

― Ո՛չ։ Խորառծառի միության անդամը։

― Ես ձեզ չեմ հասկանում։

― Տեխնիկական ունակությունների բացակայությունից է դա։ Աստծու գառ մի եղեք։

Բենդերը կանաչ պիջակի գրպանից հանեց պրոֆմիության գրքույկը և հանձնեց Իպոլիտ Մատվեևիչին։

― Կոնրադ Կարլովիչ Միխելսոն, քառասունութ տարեկան, անպարտիական, ամուրի, միության անդամ 1921 թվականից, վերին աստիճանի բարոյական անձնավորություն, իմ լավ ծանոթը, կարծեմ երեխաների բարեկամ․․․ Բայց դուք կարող եք բարեկամություն չանել երեխաների հետ․ միլիցիան այդ չի պահանջում ձեզանից։

Իպոլիտ Մատվեևիչը կարմրեց։

― Բայց հարմա՞ր է արդյոք։

― Մեր կոնցեսիայի հետ համեմատած այդ արարմունքը, թեպետև նախատեսված է Քրեական օրենսգրքով, այնուամենայնիվ մանկական մուկն ու կատուն խաղի անմեղ տեսքը ունի։

Վորոբյանինովը այնուամենայնիվ դեմ ընկավ։

― Դուք իդեալիստ եք, Կոնրադ Կառլովիչ։ Ձեր բախտը դեռ բանել է, թե չէ, պատկերացրեք, հանկարծ ու ստիպված լինեիք կոչվել Պապա֊Խրիստոզոպուլո կամ Զլովունով։

Անմիջապես համաձայնություն կայացավ, և կոնցեսիոներները, առանց հրաժեշտ տալու Տիխոնին, դուրս եկան փողոց։

Նրանք կանգ առան «Սորբանա» կահավորված սենյակներում։ Օստապը իրարանցման մեջ գցեց հյուրանոցի սպասավորների ողջ սակավաթիվ անձնակազմը։ Սկզբում նա դիտեց յոթռուբլիանոց համարները, բայց դժգոհ մնաց նրանց կահավորումից։ Հինգռուբլիանոց համարների կահավորությունն ավելի հավանեց, բայց գորգերը մի տեսակ խունացած էին և նրանց հոտը վրդովեցնում էր։ Երեք ռուբլիանոց համարներում ամեն բան լավ էր, բացի նկարներից։

― Ես չեմ կարող բնանկարների հետ միասին մի անկյունում ապրել, ― ասաց Օստապը։

― Ստիպված եղան բնակություն հաստատել մի ռուբլի ութսուն կոպեկանոց սենյակում։ Այնտեղ ոչ բնանկար կար, ոչ գորգեր, իսկ կահավորումը խիստ զուսպ էր․ երկու մահճակալ և գիշերվա փոքրիկ սեղան։

― Քարե դարի ոճ, ― նկատեց Օստապը գոհունակությամբ։ ― Իսկ սավանների մեջ նախապատմական կենդանիներ չկա՞ն։

― Նայած սեզոնին, ― պատասխանեց խորամանկ միջանցքի հերթապահը, ― եթե, օրինակի համար, որևէ նահանգական համագումար է, իհարկե, չեն լինում, որովհետև ուղևորներ շատ են լինում և դրանից առաջ մեծ մաքրում է տեղի ունենում։ Իսկ մնացած ժամանակ իսկապես պատահում է, որ վրա են տալիս։ Հարևան «Լիվադիայի» համարներից։

Նույն օրն էլ կոնցեսիոներները եղան Ստարկոմունխոզում, որտեղ ստացան անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Պարզվեց, որ բնակբաժինը լուծվել է 1921 թվականին և նրա ընդարձակ արխիվը ձուլվել է Ստարկոմունխոզի արխիվի հետ։

Մեծ կոմբինատորը անցավ գործի։ Իրիկվա կողմ կոմպանյոններն արդեն գիտեին արխիվի վարիչ, նախկին քաղաքապետի գրաենյակի աստիճանավոր, այժմ գրասենյակային աշխատանքի մշակ Վատֆոլոմեյ Կորոբեյնիկովի տան հասցեն։

Օստապը հագավ գարուսե ժիլետը, մահճակալի մեջքին թափ տվեց պիջակը, ներկայացուցչության համար մի ռուբլի քսան կոպեկ պահանջեց Իպոլիտ Մատվեևիչից և գնաց այցելելու արխիվարիուսին։ Իպոլիտ Մատվեևիչը մնաց «Սորբոնում» և սկսեց հուզված անցուդարձ անել երկու մահճակալների արանքում ընկած կիրճի մեջ։ Այդ կանաչ ու ցուրտ երեկոյին ողջ ձեռնարկության բախտն էր վճռվում։ Եթե հաջողվի ձեռք բերել օրդերների պատճեները, որոնցով բաշխվել են Վորոբյանինովի առանձնատնից վերցրած կահույքը, գործը կարելի է համարել կիսով չափ հաջողված։ Առջևում, իհարկե, աներևակայելի դժվարություններ կային, բայց թելն արդեն ձեռքներում կլիներ։

― Միայն թե օրդերները ճարվեն, ― շշնջում էր Իպոլիտ Մատվեևիչը, փռվելով անկողնուն, ― միայն թե օրդերները․․․

Ճխլտված ներքնակի զպանակները լվերի պես կծում էին նրան։ Նա այդ չէր զգում։ Նա դեռ պարզ չէր պատկերացնում, թե օրդերներն ստանալուց հետո ինչ է լինելու, բայց համոզված էր, որ ամեն ինչ կգնա հալած յուղի պես․ «Իսկ յուղով, ― չգիտես ինչու պտտվում էր նրա գլխում, ― խաշիլը չես փչացնի»։

Մինչդեռ մեծ խաշիլ էր եփվում։ Վարդագույն երանգներով համակված Իպոլիտ Մատվեևիչը շուռ ու մուռ էր գալիս մահճակալի վրա։ Նրա տակի զսպանակները մայում էին։

Օստապն ստիպված եղավ ողջ քաղաքը ոտքի տակ տալ։ Կորոբեյնիկովը ապրում էր Գուսիշչեում ― Ստարգորոդի ծայրամասում։

Այնտեղ ապրում էին առավելապես երկաթուղայինները։ Երբեմն տներից բարձր, բետոնե բարակ ցանկապատով բաժանված թմբի վրայով, ետընթաց անցնում էր փնչացող շոգեքարշը։ Տների կտուրները մի վայրկյան լուսավորվում էին շոգեքարշի հնոցի բոցկլտուն կրակից։ Երբեմն արագ սլանում էին դատարկ վագոններ, երբեմն ճայթռուկներ էին պայթում։ Խրճիթների և ժամանակավոր բարաքների արանքում ձգվում էին դեռ խոնավ կոոպերատիվ տների երկար աղյուսաշեն կորպուսները։

Օստապն անցավ լուսավոր կղզին՝ երկաթուղայինների ակումբը, թղթով ստուգեց հասցեն և կանգ առավ արխիվարիուսի դռան առջև։ Նա պտտեցրեց զանգը, որի վրա ցցուն տառերով գրված էր՝ «Խնդրում եմ պտտել»։

«Ո՞ւմ մոտ», «ի՞նչ գործով» ― երկար հարցուփորձից հետո դուռը բաց արին, և նա հայտնվեց մութ, պահարաններով լեցուն նախասրահում։ Մթության մեջ մեկը շնչում էր Օստապի դեմքին, բայց ոչինչ չէր ասում։

― Ո՞ւր է այստեղ քաղաքացի Կորոբեյնիկովը, ― հարցրեց Բենդերը։

Շնչող մարդը բռնեց Օստապի ձեռքից և տարավ նավթի կախովի լամպով լուսավորված ճաշասենյակը։ Օստապն առջևում տեսավ մի փոքրիկ ծերունու ― անասելի ճկուն մեջքով մի մաքրասերի։ Կասկած չկար, որ այդ ծերուկը հենց ինքը քաղաքացի Կորոբեյնիկովն էր։ Օստապն առանց հրավերի մոտ քաշեց աթոռը և նստեց։

Ծերուկը անվախ նայում էր ինքնագլուխ մարդուն և լռում։ Օստապն առաջինը սկսեց սիրալիր խոսակցությունը․

― Ես ձեզ մոտ գործով եմ եկել։ Դուք ծառայում եք Ստարկոմունխոզի արխիվո՞ւմ։

― Ծերուկի մեջքը շարժվեց և դրականորեն կռացավ։

― Իսկ առաջ ծառայում էինք բնակբաժնո՞ւմ։

― Ամեն տեղ էլ ծառայել եմ, ― զվարթ ասաց ծերուկը։

― Նույնիսկ քաղաքապետի գրասենյակո՞ւմ։

Այդ ասելով Օստապը նազելիորեն ժպտաց։ Ծերուկի մեջքը երկար ժամանակ գալարվում էր և, վերջապես, կանգ առավ մի դիրքով, որը վկայում էր, թե քաղաքապետության մեջ ծառայելը վաղուցվա բան է, և որ ամեն ինչ հիշելը միանգամայն անհնարին բան է։

― Բայց և այնպես թույլ տվեք իմանալ, ինչո՞վ եմ պարտական, ― հարցրեց տանտերը, հետաքրքրությամբ նայելով հյուրին։

― Թույլ կտամ, ― պատասխանեց հյուրը։ ― Ես Վորոբյանինովի տղան եմ։

― Այդ ո՞ր։ Պարագլխի՞։

― Նրա։

― Բա նա կենդանի՞ է։

― Մեռել է, քաղաքացի Կորոբեյնիկով։ Հանգչել է։

― Հա՜, ― առանձնապես չվշտանալով ասաց ծերուկը, ― տխուր դեպք է։ Բայց ախր, կարծեմ նա երեխաներ չի ունեցել։

― Չի ունեցել, ― սիրալիր հաստատեց Օստապը։

― Բա էլ ո՞նց․․․

― Ոչինչ։ Ես մորգանատիկ ամուսնությունից եմ ծնվել։

― Հո Ելենա Ստանիսլավովնայի տղան չե՞ք։

― Այո։ Հենց նրա։

― Իսկ ինչպես է նրանց առողջությունը։

― Մամանը վաղուց գերեզմանումն է։

― Այդպես, այդպես, ա՛խ, ի՜նչ տխուր բան։

Եվ ծերուկը դեռ երկար ժամանակ կարեկցանքի արցունքներով նայում էր Օստապին, թեև հենց այսօր առավոտյան Ելենա Ստանիսլավնովային տեսել էր շուկայում՝ մսավաճառների շարքում։

― Բոլորն էլ մեռնում են, ― ասաց նա։ ― Բայց և այնպես թույլ տվեք իմանալ, ի՞նչ գործով եք եկել, հարգելի, այ ձեր անունը չգիտեմ․․․

― Վոլդեմար, ― արագ վրա բերեց Օստապը։

― Վլադիմիր Իպոլիտովի՞չ։ Շատ լավ։ Այդպես։ Ես ձեզ լսում եմ, Վլադիմիր Իպոլիտովիչ։

Ծերուկը նստեց նախշավոր մոմլաթով ծածկված սեղանի մոտ, և ակնապիշ նայեց Օստապի աչքերի մեջ։

Օստապը պատշաճ խոսքերով իր տխրությունը հայտնեց ծնողների կորստյան առթիվ։ Նա շատ է ցավում, որ այսպես ուշ ներխուժեց մեծարգո արխիվարիուսի բնակարանը և իր այցելությամբ անհանգստություն պատճառեց նրան, բայց հուսով է, որ մեծարգո արխիվարիուսը կների, երբ իմանա, թե ինչ զգացմունք է մղել նրան այդ քայլն անելու։

― Ես կուզենայի, ― անասելի որդիական սիրով վերջացրեց Օստապը, ― որևէ բան գտնել հայրիկիս կահույքից, նրա հիշատակը պահելու համար։ Դուք չգիտե՞ք արդյոք, թե ումն է հանձնված հորս տան կահույքը։

― Բարդ բան է, ― պատասխանեց ծերուկը փոքր֊ինչ մտածելուց հետո, ― միայն ապահովված մարդու ուժը կպատի դրան․․․ Իսկ դուք, ներեցեք, ինչո՞վ եք զբաղվում։

― Ազատ զբաղմունք։ Արտելային սկզբունքներով սեփական մսասառցասպանդանոց ունեմ Սամարայում։

Ծերուկը տարակուսանքով նայեց երիտասարդ Վորոբյանինովի կանաչ հանդերձանքին, բայց չառարկեց։

«Ճարպիկ երիտասարդ է եղել», ― անցավ նրա մտքով։

Օստապը, որ այդ միջոցին ավարտել էր Կորոբեյնիկովին տնտղելը, որոշեց, որ «ծերուկը տիպիկ սրիկա է»։

― Այդպես ուրեմն, ― ասաց Օստապը։

― Այդպես ուրեմն, ― ասաց արխիվարիուսը, ― դժվար է, բայց հնարավոր․․․

― Ծա՞խս է պահանջում, ― օգնեց մսասառցասպանդանոցի տերը։

― Մի փոքր գումար․․․

― Ավելի մոտ մարմնին,[3] ինչպես ասում էր Մոպասանը։ Տեղեկությունները կվարձատրվեն։

― Ինչ կա որ, յոթանասուն ռուբլի դրեք մեջտեղ։

― Ինչո՞ւ այդպես շատ։ Գարին թանկացե՞լ է։

Ծերուկը ցնցվեց մանր դողով, խաղացնելով ողնաշարը։

― Բարեհաճում եք կատակել․․․

― Համաձայն եմ, պապաշա։ Օրդերների դիմաց փող։ Ե՞րբ կարելի է անցնել։

― Փողը մոտնե՞րդ է։

Օստապը պատրաստակամությամբ թփթփացրեց գրպանին։

― Այդ դեպքում թեկուզ հենց հիմա, ― հանդիսավոր կերպով ասաց Կորոբեյնիկովը։

Նա վառեց մոմը և Օստապին առաջնորդեց հարևան սենյակը։ Այնտեղ բացի մահճակալից, որի վրա հավանորեն տանտերն էր քնում, կար մի գրասեղան՝ վրան հաշվապահական գրքեր, և գրասենյակային երկար մի պահարան՝ բաց դարակներով։ Դարակների կողերին փակցված էին տպագիր տառեր А, Б, В և այլն, մինչև արիերգարդային Я տառը։ Դարակներում դրված էին բարակ, նոր թոկով կապկպած օրդերների կապոցներ։

― Օհո՜, ― հիացած բացականչեց Օստապը։ ― Լրիվ տնական արխիվ է։

― Միանգամայն լրիվ, ― համեստորեն պատասխանեց արխիվարիուսը։ ― Ես, գիտեք, համենայն դեպս․․․ Կոմունխոզին սա պետք չէ, իսկ ինձ օր ծերության կարող է պետք գալ․․․ Ապրում ենք, գիտեք էլի, ոնց որ հրաբուխի վրա․․․ ամեն ինչ կարող է պատահել․․․ Այն ժամանակ մարդիկ կնետվեն դես ու դեն՝ իրենց կահույքը գտնելու, իսկ որտե՞ղ է այդ կահույքը։ Ահա թե որտեղ է։ Այստեղ են նրանք։ Պահարանում։ Իսկ ո՞վ է պահել֊պահպանել։ Կորոբե՛յնիկովը։ Եվ ահա պարոնայք շնորհակալություն կասեն ծերուկին, կօգնեն օր ծերությայն․․․ Իսկ ինձ շատ բան հարկավոր չէ․․․ մի֊մի տասանոց կտան ամեն օրդերի դիմաց ― շնորհակալ կլինեմ․․․ Թե չէ՝ գնա փորձիր ու դաշտում քամի գտիր։ Առանց ինձ չեն գտնի։

Օստապը հիացած նայում էր ծերուկին։

― Հրա՜շք գրասենյակ է, ― ասաց նա, ― լրիվ մեխանիզացիա։ Դուք ուղղակի աշխատանքի հերոս եք։

Շոյված արխիվարիուսը հյուրին իրազեկ դարձրեց սիրած գործի մանրամասնություններին։ Նա բացեց հաշվառման և բաշխման հաստ գրքերը։

― Ամեն ինչ այստեղ է, ― ասաց նա, ― բովանդակ Ստարգորոդը։ Բոլոր կահ֊կարասիները։ Ումնից երբ է վերցված, ում երբ տրված։ Իսկ սա էլ այբբենական գիրքն է, կյանքի հայելին։ Ո՞ւմ կահույքն է ձեզ հետաքրքրում։ Առաջին գիլդիայի վաճառական Անգելո՞վի։ Խնդրեմ։ Նայեցեք Ա տառին։ Ա տառը, ԱԿ, ԱՄ, ԱՆ, Անգելով․․․ Համա՞րը։ Ահա՝82742: Այժմ դեսը տուր հաշվառման գիրքը։ Էջ 142։ Ո՞ւր է Անգելովը։ Ահա անգելովը։ 1918 թվականի դեկտեմբերի 18֊ին Անգելովից վերցված է «Բեկկեր» դաշնամուր N97012, նրա հետ փափուկ աթոռակ, երկու գրասեղան, չորս գարդերոբ (երկուսը կարմրափայտ), մեկ շիֆոնյեր և այլն․․․ երեք գարդերոբը՝ «Արտույտ» մանկական գիշերօթիկին․․․ Եվս մի գարդերոբ՝ Ստարպրոդկոգուբի քարտուղարի անձնական տրամադրության տակ։ Իսկ դաշնամուրն ո՞ւր է գնացել։ Գնացել է Սոցապ, 2֊րդ տունը։ Մինչև հիմա էլ այնտեղ դաշնամուր կա․․․

― Ես այնտեղ ինչ֊որ այդպիսի դաշնամուր չտեսա», ― անցավ Օստապի մտքով, հիշելով Ալխենի ամոթխած դեմքը։

― Կամ, օրինակի համար, քաղաքային վարչության գրասենյակի կառավարիչ Մուրվինը․․․ Մ տառով է, ուրեմն պետք է փնտրել։ Ամեն ինչ այստեղ է։ Ամբողջ քաղաքը։ Դաշնամուրներ կան այստեղ, ամեն տեսակ բազմոցիկներ, տրյումոներ, բազկաթոռներ, գահավորակներ, փափկաթոռներ, ջահեր․․․ նույնիսկ սերվիզներ կան․․․

― Դե, ― ասաց Օստապը, ― անձեռնակերտ հուշարձան պետք է կանգնեցնել ձեզ։ Սակայն մոտենանք գործին։ Օրինակ Վ տառը։

Թող լինի Վ տառը, ― սիրով արձագանքեց Կորոբեյնիկովը։ ― Հիմա։ ՎՄ, ՎՆ, Վորիցկի, N 48238 Վորոբյանինով, Իպոլիտ Մատվեևիչ, ձեր հայրը, աստված հոգին լուսավորի, չինական պիտակված վազաներ՝ չորս, ֆրանսիական «Սևր» գործարանից, օբյուսսոն գորգեր՝ ութը, գոբելեն «Հովվուհի», մեկ, արջի խրտվիլակ՝ մատուցարանով՝ մեկ, ննջարանի գարնիտուր՝ տասնվեց տեղ, հյուրասենյակի գարնիտուր՝ տասնչորս տեղ, կաղնե փայտից, վարպետ Հաբսի շինած․․․

― Իսկ ո՞ւմ է բաժանված, ― անհամբեր հարցրեց Օստապը։

― Էս րոպեիս կիմանանք։ Մատուցարանով արջի խրտվիլակը՝ միլիցիայի երկրորդ քաղաքամաս։ «Հովիվ» գոբելենը՝ գեղարվեստական արժեքների ֆոնդ։ «Հովվուհի» գոբելենը՝ վոդնիկների ակումբ։ Թեքինի և խորասանի գորգերը՝ Արտաքին առևտրի ժողկոմատ։ Ննջարանի գարնիտուրը՝ որսորդների միություն, ճաշասենյակի գարնիտուրը՝ «Գլավչայ»֊ի Ստարգորոդյան բաժանմունք։ Հյուրասենյակի կաղնե գարնիտուրը՝ մասերով։ Կլոր սեղանն ու մի աթոռը՝ սոցապի 2-րդ տուն, ճկած մեջքով գահավորակը՝ բնակբաժնի տրամադրության տակ (մինչև օրս էլ նախասրահում դրված է, ամբողջ պաստառը յուղոտել են, սրիկաները), ևս մի աթոռ Գրիցացուևին, որպես իմպերիալիստական պատերազմի հաշմանդամի, նրա դիմումի և բնակբաժնի վարիչ ընկ․ Բուրկինի մակագրության համաձայն։ Տասը աթոռ՝ Մոսկվա, կահույքային վարպետության թանգարանին, Լուսժողկոմատի շրջաբերական֊նամակի համաձայն․․․ Չինական պիտակված վազաները․․․

― Գովում եմ, ― ասաց Օստապը ցնծալով, ― հանճարեղ բան է դա։ Լավ կլիներ օրդերներին էլ նայեինք։

― Հիմի, էս սհաթիս օրդերներն էլ կնայենք։ Վ տառի N 48238֊ը։

Արխիվարիուսը մոտեցավ պահարանին և, թաթերի վրա բարձրանալով, հանեց հարկավոր կապոցը։

― Հրե՛ս։ Ձեր հոր ամբողջ կահույքն էստեղ է։ Բոլո՞ր օրդերներն են ձեզ պետք։

― Բոլորն ի՞նչ եմ անում․․․ Այնպես․․․ Մանկության օրերի հիշողություններ՝ Հյուրասենյակի գարնիտուրը․․․ Հիշում եմ, խաղում էի հյուրասենյակում խորասանի գորգի վրա, «Հովվուհի» գոբելենին նայելով․․․ Լա՜վ ժամանակներ էին, ոսկյա մանկություն․․․ Եվ ահա, պապաշա, մենք կսահամանափակվենք հյուրասենյակի գարնիտուրով։

Արխիվարիուսը սիրով քանդեց կանաչավուն կտրոնների կապոցը և սկսեց փնտրել պահանջված օրդերները։ Կորոբեյնիկովը ջոկեց հինգ օրդեր։ Մեկը՝ տաս աթոռի, երկուսը՝ մեկական աթոռի, մեկը՝ կլոր սեղանի և մեկը «Հովվուհի» գոբելենի։

― Բարեհաճեցեք տեսնել։ Ամեն ինչ կարգին է։ Տեղը տեղին՝ ամեն բան պարզ է։ Կտրոնների վրա գրված են բոլոր հասցեները և ստացողի սեփական ստորագրությունը։ Այնպես որ ոչ ոք հարկ եղած դեպքում հրաժարվել չի կարող։ Միգուցե կուզենաք և գեներաշա Պոպովայի՞ գարնիտուրը։ Շա՜տ լավն է։ Նույնպես Հարբսի աշխատանք․․․

Բայց Օստապը բացառապես ծնողների նկատմամբ տածած սիրո մղումով, ճանկեց օրդերները, կոխեց կողքի գրպանի խորքը, իսկ գեներաշայի գարնիտուրից հրաժարվեց։

― Կարելի՞ է ստացան գրել, ― հարցրեց արխիվաիուսը, ճարպկորեն կռանալով։

― Կարելի է, ― սիրալիր ասաց Բենդերը, ― գրեցե՛ք, գաղափարի մարտիկ։

― Կգրեմ ուրեմն։

― Հո՛ւպ տվեք։

Անցան առաջին սենյակը։ Կորոբեյնիկովը գեղեցիկ ձեռագրով գրեց ստացական և, ժպտալով, հանձնեց հյուրին։ Գլխավոր կոնցեսիոները արտասովոր քաղաքավարությամբ աջ ձեռքի երկու մատով վերցրեց թուղթը և դրեց նույն գրպանը, որտեղ արդեն դրված էին թանկարժեք օրդերները։

― Դե, առայժմ, ― ասաց նա աչքերը կկոցելով, ― կարծեմ ես բավականաչափ անհանգստացրի ձեզ։ Չեմ համարձակվում այլևս նեղություն պատճառել ձեզ իմ ներկայությամբ։ Ձեր ձեռքը, գրասենյակի կառավարիչ։

Շշմած արխիվաիուսը ալարկոտ սեղմեց իրեն մեկնած ձեռքը։

― Առայժմ, ― կրկնեց Օստապը։

Նա շարժվեց դեպի դուռը։

Կորոբեյնիկովը ոչինչ չհասկացավ։ Նա նույնիսկ նայեց սեղանին՝ հյուրը հո փող չի թողել այնտեղ, բայց սեղանի վրա էլ փող չկար։ Այդ ժամանակ արխիվարիուսը շատ կամաց հարցրեց․

― Բա փո՞ղը։

― Ի՞նչ փող, ― ասաց Օստապը, դուռը բացելով։ ― Դուք, կարծեմ, ինչ֊որ փողի մասի՞ն էիք հարցնում։

― Բա ո՞նց։ Կահույքի, օրդերների դիմաց։

― Հոգյա՜կս, ― ծոր տվեց Օստապը, ― աստված վկա, բայց չկա, մոռացել եմ վերցնել ընթացիկ հաշվից։

Ծերուկը դողաց և առաջ պարզեց նիհար ձեռքը, ցանկանալով բռնել գիշերվա այցելուին։

― Կամա՛ց, հիմար, ― ասաց Օստապը սպառնալից, ― քեզ ասում են ռուսերեն լեզվով՝ վաղը, նշանակում է վաղը։ Դե, առայժմ։ Նամակ գրեք․․․

Դուռը շրխկալով փակվեց։ Կորոբեյնիկովը նորից բացեց այն և դուրս վազեց փողոց, բայց Օստապն արդեն չկար։ Նա արագ քայլում էր կամրջի մոտով։ Ուղեկամուրջով անցնող լոկոմոտիվը լուսավորեց նրան իր կրակներով ու ծխի մեջ կորցրեց։

― Սառույցը շարժվեց, ― բղավեց Օստապը մեքենավարին։ ― Սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։

Մեքենավարը չլսեց, ձեռքը թափահարեց, մեքենայի անիվները ավելի ուժեղ ձգեցին ծուռ առանցքակալների երկաթյա արմունկները, և շոգեքարշը սլացավ։

Կորոբեյնիկովը մի երկու րոպե կանգնեց ցուրտ քամուն և, գարշելիորեն զազրախոսելով, վերադարձավ իր տնակը։ Անտանելի վիշտ պատեց նրան։ Նա կանգնեց սենյակի մեջտեղը և կատաղությունից սկսեց քացով տալ սեղանին։ Կրկնակոշիկի ձև ունեցող «Տրեուգոլնիկ» մակագրությամբ մոխրամանը վեր֊վեր էր թռչում և բաժակը չրխկում էր ջրամանի հետ։

Վարֆոլոմեյ Կորոբեյնիկովը դեռ երբեք այդպես ստոր կերպով խաբված չէր եղել։ Ինքը կարող էր ուզած մարդուն խաբել, բայց այս դեպքում իրեն խաբեցին այնպես հանճարեղ պարզությամբ, որ նա դեռ երկար ժամանակ կանգնել֊մնացել էր՝ ճաշասեղանի հաստ ոտքերին թակելով։

Գուսիշչեում Կորոբեյնիկովին Վարֆոլոմեիչ էին կոչում։ Միայն ծայրահեղ կարիքի դեպքում էին դիմում նրան։ Վարֆոլոմեիչը իբրև գրավ իրեր էր վերցնում և մարդակերի տոկոսներ նշանակում։ Մի քանի տարի է, ինչ նա զբաղվում էր դրանով և դեռ ոչ մի անգամ չէր խաբվել։ Իսկ հիմա նա վառվեց առևտրական իր լավագույն ձեռնարկությունից, որից մեծ օգուտներ և ապահովված ծերություն էր սպասում։

― Հանա՞ք բան է, ― բղավեց նա, հիշելով կորած օրդերները։ ― Սրանից հետո՝ փողը միայն առաջուց։ Եվ ո՞նց ես այս անգամ սխալվեցի։ Սեփական ձեռքերովս տվեցի հյուրասենյակի կաղնե գարնիտուրը․․․ Միայն «Հովվուհի» գոբելենն ի՜նչ ասես արժեր։ Ձեռքի աշխատանք․․․

Ինչ֊որ մեկի անվստահ ձեռքը վաղուց արդեն պտտեցնում էր «խնդրում եմ պտտել» զանգը, և Վարֆոլոմեիչը դեռ չէր հասցրել հիշելու, որ մուտքի դուռը բաց է մնացել, երբ նախասենյակում ծանր դղրդոց լսվեց և պահարանների լաբիրինթոսում մոլորված մարդու ձայնը կոչեց․

― Ո՞ւր մտնեմ այստեղ։

Վարֆոլոմեիչը դուրս եկավ նախասրահ, դեպի իրեն քաշեց մեկի վերարկուն (շոշափելով՝ դրապ) և ճաշասենյակ տարավ տեր Ֆյոդորին։

― Մեծահոգաբար ներեցեք, ― ասաց տեր Ֆյոդորը։

Տասը րոպեի փոխադարձ թերասությունից և խորամանկությունից հետո պարզվեց, որ քաղաքացի Կորոբեյնիկովն իրոք ինչ֊որ տեղեկություններ ունի Վորոբյանինովի կահույքի մասին, իսկ տեր Ֆյոդորը չի հրաժարվում վճարել այդ տեղեկությունների համար։ Բացի այդ, ի մեծ հաճույս արխիվարիուսի, այցելուն դուրս եկավ նախկին պարագլխի հարազատ եղբայրը և բուռն ցանկություն ուներ պահպանել նրա հիշատակը՝ հյուրասենյակի կաղնե գարնիտուրը ձեռք բերելով։ Այդ գարնիտուրի հետ կապված էին Վորոբյանինովի եղբոր պատանեկության ամենաջերմ հիշողությունները։

Վարֆոլոմեիչը պահանջեց հարյուր ռուբլի։ Այցելուն եղբոր հիշատակը շատ ավելի ցած էր գնահատում՝ երեսուն ռուբլի։ Համաձայնության եկան հիսուն ռուբլով։

― Փողը կխնդրեի առաջուց, ― հայտարարեց արխիվարիուսը, ― դա իմ սկզբունքն է։

― Իսկ ոչի՞նչ, եթե ոսկյա տասանոցներով տամ, ― շտապեց տեր Ֆյոդորը, պիջակի աստառը պատռելով։

― Կուրսով կընդունեմ։ Ինն ու կես ռուբլով։ Էսօրվա կուրսն է։

Վոստրիկովը հինգ դեղին ոսկի հանեց երշիկից, վրան ավելացրեց երկուս ու կես ռուբլի արծաթ և այդ ամբողջ կույտը մոտեցրեց արխիվարիուսին։ Վարֆոլոմեիչը երկու անգամ հաշվեց դրամը, լցրեց բուռը, խնդրեց հյուրին մի րոպե սպասել և գնաց օրդերները բերելու։ Իր գաղտնի գրասենյակում Վարֆոլոմեիչը երկար ու բարակ չմտածեց, բաց արեց այբբենական ցանկի՝ կյանքի հայելու Պ տառը, արագ գտավ պահանջված համարը և դարակից հանեց գեներալշա Պոպովայի օրդերների կապոցը։ Բացելով կապոցը, Վարֆոլոմեիչը նրա միջից ջոկեղ Հաբսի գործարանի տասներկու կաղնե այն աթոռների օրդերը, որ տվել էին Վինոգրադնայա փողոցի N 34֊ում ապրող ընկ․ Բրունսին։ Զարմանալով իր հնարամտության և տակից դուրս գալու կարողության վրա, արխիվարիուսը քմծիծաղ տվեց և օրդերները տարավ գնորդին տալու։

― Բոլորը մի տե՞ղ են, ― բացականչեց գնորդը։

― Տեղը տեղին։ Բոլորն էլ այնտեղ են։ Հիանալի գարնիտուր է։ Մատերդ կլպստեք։ Ասենք՝ ինչ հարկ կա բացատրելու։ Ինքներդ լավ գիտեք։

Տեր Ֆյոդորը երկար ժամանակ ոգևորված թափահարում էր արխիվարիուսի ձեռքը և, բազում անգամներ դիպչելով նախասրահի պահարաններին, դուրս վազեց գիշերային խավարի մեջ։

Վարֆոլոմեիչը դեռ երկար ծիծաղում էր հիմարացած գնորդի վրա։ Ոսկե տասնոցները իրար կողքի դրեց սեղանին և երկար ժամանակ քունը գլխին նստած նայում էր շողշողուն հինգ կլորակներին։

«Եվ ինչո՞ւ են բոլորն էլ Վորոբյանինովի կահույքի ետևից ընկել, ― մտածեց նա։ ― Խելքները կորցրել են»։

Նա հանվեց, անուշադիր աղոթեց աստծուն, պառկեց օրիորդական նեղլիկ անկողնին և մտահոգ քնեց։

Կրակոտ կին ― երազանքը պոետի

Գիշերվա ընթացքում ցուրտը սպառվեց առանց մնացորդի։ Այնպես է տաքացել, որ վաղ առավոտվա անցորդների ոտքերը նվվում էին։ Ճնճուղներն ինչ անհեթեթություն ասես դուրս էին տալիս։ Նույնիսկ խոհանոցից բակ դուրս եկած հավը ուժերի հորդում զգաց և փորձեց թռչել։ Ամպի մանր խմորագնդիկներ կային երկնքում, աղբարկղից մանուշակի և գեղջկական ապուրի հոտ էր գալիս։ Քամին նվաղում էր քիվերի տակ։ Կատուները պառկել էին կտուրին և, ներողամտաբար աչքերը կկոցելով նայում էին բակին, որի միջով անցնում էր միջանցքի հերթապահ Ալեքսանդրը՝ մի հակ կեղտոտ սպիտակեղենով։

«Սորբոնի» միջանցքներում աղմկում էին։ Գավառներից տրամվայի բացմանը պատգամավորներ էին եկել։ «Սորբոնա» ցուցանակով հյուրանոցային լինեյկայից ցած իջավ պատգամավորների մի ամբողջ խումբ։

Արևը տաքացնում էր որքան ուժ ուներ։ Խանութների երկաթյա գալարավարագույրները վեր էին թռչում։ Բամբակե վերարկուներով ծառայության դուրս եկած սովաշխատողները շնչասպառ էին լինում, արձակում էին կոճակները, զգալով գարնան ծանրությունը։

Կոոպերատիվային փողոցում պայթել էր Մելստրոյի չափից ավելի բարձած բեռնատարի զսպանակը և պատահարի վայրը եկած Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը խորհուրդներ էր տալիս։

Գործարար շքեղությամբ կահավորված համարում (երկու մահճակալ և գիշերվա սեղանիկ) լսվում էր ձիու խռմփոց և վրնջյուն․ Իպոլիտ Մատվեևիչը ուրախ֊զվարթ լվացվում և քիթն էր մաքրում։ Մեծ կոմբինատորը պառկել էր անկողնում, զննելով կոշիկների վնասվածքները։

― Ի դեպ, ― ասաց նա, ― խնդրում եմ պարտքը մարել։

― Իպոլիտ Մատվեևիչը դուրս պրծավ երեսսրբիչի միջից և չռած, անպենսնե աչքերով նայեց կոմպանյոնին։

― Ի՞նչ եք ինձ վրա նայում, ինչպես զինվորը ոջիլին։ Ի՞նչը ձեզ զարմացրեց։ Պա՞րտքը։ Այո՛։ Դուք ինձ փող եք պարտք։ Երեկ ես մոռացա ձեզ ասել, որ օրդերների դիմաց ձեր լիազորության համաձայն վճարել եմ յոթանասուն ռուբլի։ Ընդսմին կցում եմ ստացականը։ Փոխադրեցեք ինձ երեսունհինգ ռուբլի։ Հուսով եմ, կոնցեսիոներները հավասար հիմունքներով են մասնակցում ծախքերին։

Իպոլիտ Մատվեևիչը դրեց պենսնեն, կարդաց ստացականը և, տառապելով տվեց փողը։ Բայց դա ևս չէր կարող մթագնել նրա ուրախությունը։ Հարստությունը ձեռքումն էր։ Երեսունռուբլիանոց ավազահատիկը չքացավ ադամանդյա լեռան ճաճանչների մեջ։

Իպոլիտ Մատվեևիչը պայծառ ժպիտով դուրս եկավ միջանց և սկսեց զբոսնել։ Թանկարժեք հիմքի վրա կառուցված նոր կյանքի պլանները հաճույք էին պատճառում նրան։ «Բա հայր սո՞ւրբը, ― մտովին չարախնդում էր նա։ ― Հիմարը հիմար էլ մնաց։ Նա աթոռ չի տեսնի, ինչպես իր մորուքը»։

Հասնելով մինչև միջանցքի վերջը, Վորոբյանինովը շուռ եկավ։ Սպիտակ ճաքճքած N 13 դուռը բացվեց և ուղիղ նրան ընդառաջ եկավ տեր Ֆյոդորը՝ փարթամ ծոպեր ունեցող թոկանման սև գոտի կապած կապույտ վերնաշապիկով։ Նրա բարի դեմքը ճապաղվել էր երջանկությունից։ Նա ևս միջանցք էր դուրս եկել զբոսնելու։ Ախոյանները մի քանի անգամ հանդիպեցին և, հաղթականորեն իրար նայելով, առաջ անցան։ Միջանցքի ծայրերում երկուսն էլ միանգամից շուռ էին գալիս ու նորից մոտենում իրար․․․ Իպոլիտ Մատվեևիչի կրծքում բերկրանք էր եռում։ Նույն զգացմունքն էր համակել և տեր Ֆյոդորին։ Պարտված թշնամուն ցավակցելու զգացմունքը համակել էր երկուսին։ Վերջապես, հինգերորդ ռեյսի ժամանակ, Իպոլիտ Մատվեևիչը չդիմացավ․

― Բարի աջողում, տեր հայր, ― ասաց նա անասելի քաղցրությամբ։

Տեր Ֆյոդորը հավաքեց աստծու պարգևած ողջ սարկազմը և պատասխանեց․

― Բարի լույս, Իպոլիտ Մատվեևիչ։

Թշնամիները բաժանվեցին։ Երբ նրանց ուղիները կրկին հանդիպեցին, Վորոբյանինովը նետեց․

― Ես հո չվնասեցի՞ ձեզ վերջին հանդիպման ժամանակ։

― Չէ, ինչու, շատ հաճելի հանդիպում էր, ― պատասխանեց ցնծացող տեր Ֆյոդորը։

Նորից բաժանվեցին։ Տեր Ֆյոդորի սփաթը զայրացնել սկսեց Իպոլիտ Մատվեևիչին։

― Երևի այլևս պատարագ չե՞ք անում, ― հարցրեց նա հետևյալ հանդիպման պահին։

― Ի՜նչ անելու ժամանակն է։ Ծխականները լցվել են քաղաքները, գանձ են որոնում։

― Նկատեցեք՝ իրե՛նց գանձը։ Իրե՛նց։

― Ինձ հայտնի չէ, թե ում, միայն թե որոնում են։

Իպոլիտ Մատվեևիչը ցանկանում էր որևէ գարշելի բան ասել և նույնիսկ բերանը բացեց այդ նպատակով, բայց ոչինչ հնարել չկարողացավ և ջղայնացած քայլերն ուղղեց դեպի իր համարը։ Մի րոպե անց այնտեղից դուրս եկավ թուրքահպատակի որդին՝ Օստապ Բենդերը, երկնագույն ժիլետով և, իր կոշիկի կապերը կոխկռտելով, գնաց դեպի Վոստրիկովը։ Տեր Ֆյոդորի այտերի վարդերը թոշնեցին ու մոխրացան։

― Հին իրե՞ր եք գնում, ― հարցրեց Օստապը սպառնալից։ ― Աթոռնե՞ր։ Փորոտի՞ք։ Վաքսի տուփե՞ր։

― Ի՞նչ եք կամենում, ― շշնջաց տեր Ֆյոդորը։

― Ես կամենում եմ հին շալվարս ծախել ձեզ։

Քահանան սառեց և ետ քաշվեց։

― Ինչ եք լռում, ինչպես հովվապետը ընդունելության պահին։

Տեր Ֆյոդորը դանդաղ քայլերն ուղղեց դեպի իր համար։

― Հին շորեր ենք գնում, նորերը գողանում, ― բղավեց Օստապը նրա ետևից։

Վոստրիկովը գլուխը ներս քաշեց և կանգ առավ իր դռների առջև։ Օստապը շարունակում էր ձեռք առնել․

― Բա ո՞նց է լինելու շալվարի բանը, պաշտամունքի մեծարգո սպասավոր։ Վերցնելո՞ւ եք։ Կան նաև ժիլետի թևքեր, բուբլիկի ծակ և սատկած էշի ականջներ։ Բոլորը մեկտեղ՝ էժան կլինի։ Եվ աթոռների մեջ էլ չեն դրանք, փնտրել պետք չէ։ Հը՞։

Դուռը փակվեց պաշտամունքի սպասավորի ետևից։

Օստապը գոհ, կոշիկի կապերը գորգին խփելով, դանդաղ վերադարձավ։ Երբ նրա մասիվ կերպարանքը բոլորովին հեռացավ, տեր Ֆյոդորը գլուխն անմիջապես դուրս հանեց դռնից և երկար զսպված զայրույթով ծվծվաց․

― Ի՛նքդ ես հիմար։

― Ի՞նչ, ― բղավեց Օստապը, ետ նետվելով, բայց դուռն արդեն փակ էր և միայն կողպեքը չխկաց։

Օստապը թեքվեց կողպեքի ծակին, ձեռնափը խողովակաձև դրեց բերանին և պարզորոշ ասաց․

― Ի՞նչ արժե ժողովրդի համար ափիոնը։

Դռան ետևում լուռ էին։

― Պապաշա, դուք տափակ մարդ եք, ― բղավեց Օստապը։

Նույն վայրկյանին փականածակից դուրս պրծավ ու դես ու դեն շարժվեց մի մատիտ, որի սույր ծայրով տեր Ֆյոդորը փորձում էր խայթել թշնամուն։ Կոնցեսիոները ժամանակին ընկրկեց և բռնեց մատիտից։ Դռնով բաժանված թշնամիները լուռ սկսեցին մատիտը քաշել ամեն մեկն իր կողմը։ Հաղթեց ջահելությունը, և մատիտը, ամբարիշտի պես համառելով դանդաղորեն դուրս սահեց փականածակից։ Օստապն այդ ռազմավարով վերդարձավ իր համարը։ Կոմպանյոններն է՛լ ավելի ուրախացան։

― Ու փախչում է թշնամին, փա՛խչում, փա՛խչում, փա՛խչում, ― երգեց Օստապը։

Մատիտի կողին գրչահատով վիրավորական մի խոսք փորագրեց, դուրս վազեց միջանցք և, մատիտը փականածակի մեջ մտցնելով, անմիջապես վերադարձավ։

Բարեկամները լույս աշխարհ հանեցին օրդերների կանաչ կտրոնները և սկսեցին հանգամանորեն ուսումնասիրել։

― «Հովվուհի» գոբելենի օրդերը, ― երազանքով ասաց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Ես այդ գոբելենը գնել եմ Պետերբուրգի մի անտիկվարից։

― Գրողի ծոցը հովվուհին, ― բղավեց Օստապը, օրդերը պատառոտելով։

― Կլոր սեղան․․․ Երևի գարնիտուրից է․․․

― Սեղանը դեսը տվեք։ Գրողի ծոցը սեղանը։

Մնաց երկու օրդեր․ մեկը՝ տաս աթոռի, որ տրված է Մոսկվայի կահույքի վարպետության թանգարանին, մյուսը՝ մեկ աթոռի, տրված ընկ․ Գրիցացուևին, Ստարգորոդում, Պլեխանովի փողոց, 15։

― Փող պատրաստեցեք, ― ասաց Օստապը, ― հնարավոր է, որ ստիպված լինենք Մոսկվա գնալ։

― Բայց չէ՞ որ այստեղ էլ աթոռ կա։

― Մեկ շանս տասի դիմաց։ Մաքուր մաթեմատիկա։ Այն էլ, եթե քաղաքացի Գրիցացուևը դրանով իր բուրժույկան վառած չլինի։

― Այդպիսի կատակներ մի արեք, պետք չէ։

― Ոչինչ, ոչինչ, լիբեր ֆատեր Կոնրադ Կարլովիչ Միխելսոն, կգտնենք։ Սրբազան գործ է։ Բատիստե փաթաթաններ կկրենք, Մարգո կրեմ կուտենք։

― Չգիտեմ ինչու ինձ թվում է, ― նկատեց Իպոլիտ Մատվեևիչը, ― թե թանկարժեք իրերը հենց այդ աթոռի մեջ են լինելու։

― Ախ, ձեզ թվո՜ւմ է։ Է՞լ ինչ է թվում ձեզ։ Ոչի՞նչ։ Դե լավ։ Աշխատենք մարքսիստորեն։ Տրամադրենք երկինքը թռչուններին, իսկ ինքներս դիմենք աթոռներին։ Ես տանջվում եմ Պլեխանովի փողոցում N 15 տանը ապրող իմպերիալիստական պատերազմի հաշմանդամ, քաղաքացի Գրիցացուևին շտապ տեսնելու ցանկությամբ։ Ետ մի մնացեք, Կոնրադ Կարլովիչ։ Պլան կկազմենք ճանապարհին։

Անցնելով տեր Ֆյոդորի դռան կողքով, թուրքահպատակի վրեժխնդիր զավակը քացահարեց ոտքով։ Համարից լսվեց հալածված մրցակցի թույլ մչնչյունը։

― Հանկարծ ու նա մեր ետևից գա, ― վախեցավ Իպոլիտ Մատվեևիչը։

― Զբոսանավի վրա ունեցած մինիստրների այսօրվա տեսակցությունից հետո ոչ մի մերձեցում հնարավոր չէ։ Նա ինձանից վախենում է։

― Բարեկամները վերադարձան իրիկվա կողմ միայն։ Իպոլիտ Մատվեևիչը մտահոգ էր։ Օստապը հրճվում էր։ Նա հագել էր մորեգույն նոր կոշիկներ, որոնց կրունկներին ամրացված էին ռետինե կլոր կրկնկատակեր, շախմատե նասկիներ՝ կանաչ ու սև վանդակներով, կրեմագույն կեպկա և ռումինական երանգի կիսամետաքսյա շարֆ։

― Աթոռը կա, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, վերհիշելով այրի Գրիցացուևայի մոտ այցելությունը, ― բայց ինչպե՞ս ձեռք բերենք այդ աթոռը։ Գնե՞նք։

― Ինչպե՜ս չէ, ― պատասխանեց Օստապը, ― չխոսելով միանգամայն անարտադրողական ծախսի մասին, դա առաջ կբերի ասեկոսներ։ Ինչո՞ւ մի աթոռ։ Ինչո՞ւ հենց այդ աթոռը։

― Հապա ի՞նչ անենք։

Օստապը սիրով տնտղեց նոր կոշիկների կրկնկամասերը։

― Շիք֊մոդեռն, ― ասաց նա։ ― Ինչ անե՞նք։ Մի հուզվեք, նախագահ, այդ գործարքը ես վերցնում եմ ինձ վրա։ Այս կոշիկների առջև ոչ մի աթոռ չի դիմանա։

― Չէ, գիտեք ինչ, ― աշխուժացավ Իպոլիտ Մատվեևիչը, ― երբ դուք խոսում էիք տիկին Գրիցացուևայի հետ հեղեղումների մասին, ես նստեցի մեր աթոռին և, ազնիվ խոսք, տակս ինչ֊որ կոշտ բան զգացի։ Նրանք այնտեղ են, աստված վկա, այնտեղ․․․ Դե տես, աստված վկա, ես զգում եմ։

― Մի հուզվեք, քաղաքացի Միխելսոն։

― Գիշերը պետք է գողանալ այն։ Աստված է վկա, գողանալ։

― Սակայն ազնվականության պարագլխի համար խիստ մանր մասշտաբներ են դրանք։ Իսկ այդ գործի տեխնիկան ծանո՞թ է ձեզ։ Միգուցե ձեր ճամպրուկի մեջ թաքցրած ունեք ճամփորդական ուղետուփ՝ կեռիկների հավաքածուով։ Դեն նետեք գլխներիցդ։ Դա տիպիկ պիժոնություն է ― կողոպտել խեղճ այրուն։

Իպոլիտ Մատվեևիչը սթափվեց։

― Ախր ուզում եմ շուտ լինի, ― ասաց նա աղերսորեն։

― Միայն կատուներն են շուտ ծնում, ― խրատական տոնով նկատեց Օստապը։ ― Ես ամուսնանում եմ նրա հետ։

― Ո՞ւմ հետ։

― Մադամ Գրիցացուևայի։

― Ինչո՞ւ։

― Որպեսզի հեշտ ու հանգիստ, առանց աղմուկի փորփորեմ աթոռը։

― Բայց չէ՞ որ դուք ձեզ կապում եք ընդմիշտ, ամբողջ կյանքում։

― Ինչ ասես որ չես անի՝ ի բարօրություն կոնցեսիայի։

― Ընդմի՜շտ, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը։

Իպոլիտ Մատվեևիչը սաստիկ զարմացած ձեռքերը թափահարեց։ Նրա սափրած պաստորի դեմքը տարտղնեց։ Երևացին N քաղաքից մեկնելու օրվանից չմաքրված կապտավուն ատամները։

― Ընդմի՜շտ, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Դա մե՜ծ զոհաբերություն է։

― Կյա՜նք, ― ասաց Օստապը։ ― Զոհաբերությո՜ւն։ Ի՞նչ գիտեք կյանքի և զոհաբերության մասին։ Դուք կարծում եք, որ եթե ձեզ վտարել են առանձնատնից, ճանաչո՞ւմ եք կյանքը։ Եվ եթե բռնագրավել են ձեր չինական կեղծ վազան, ապա դա զոհաբերոթյո՞ւն է։ Կյանքը, պարոնայք երդվյալ ատենակալներ, շատ բարդ բան է, բայց, պարոնայք երդվյալ ատենակալներ, այդ բարդ բանը շատ հեշտ բացվում է՝ ինչպես արկղ։ Միայն պետք է կարողանալ բացել այն։ Ով բացել չի կարողանում, նա կորչում է։ Դուք լսե՞լ եք մենակյաց հուսարի մասին։

Իպոլիտ Մատվեևիչը չէր լսել։

― Բուլանով։ Չե՞ք լսել։ Արիստոկրատիկ Պետերբուրգի հերոսը։ Հիմա կլսեք։

Եվ Օստապ Բենդերը Իպոլիտ Մատվեևիչին մի պատմություն արեց, որի զարմանալի սկիզբը հուզել էր բովանդակ բարձրաշխարհիկ Պետերբուրգը, իսկ շատ ավելի զարմանալի վախճանը կորսվել և բացարձակապես աննկատելի էր անցել բոլորի կողմից վերջին տարիներում։

Մենակյաց հուսարի պատմությունը․․․

Փայլուն հուսար, կոմս Ալեքսեյ Բուլանովը, ինչպես ճիշտ հաղորդեց Բենդերը, իսկապես որ արիստոկրատիկ Պետերբուրգի հերոսն էր։ Հոյակապ հեծելակի և քեֆ անողի անունը չէր իջնում անգլիական առափնյա պալատների խստաբարո բնակիչների շուրթերից և բարձրաշխարհիկ ժամանակագրության սյունակներից։ Պատկերազարդ ժուռնալների էջերում շատ հաճախ հայտնվում էր գեղեցկադեմ հուսարի լուսանկարը․ բրանդերբուրերով զարդարված և հատիկավոր կարակուլով եզրակարած կուրտկա, բարձրադիր լիզած քունքեր և հաղթական կարճ քիթ։

Կոմս Բուլանովի մասին համբավ էր տարածված, որ նա մասնակից է օրհասական ելք ունեցող բազում գաղտնի մենամարտերի, բարձր շրջանի ամենագեղեցիկ և ամենաանառակ տիկնանց հետ ունեցած ափաշկարա ռոմանների, հասարակության հարգարժան անձնավորությունների դեմ ունեցած խելացնոր արարքների և սրտառուչ քեֆերի, որոնք անխուսափելիորեն վերջանում էին ոչ զինվորականներին ծեծելով։

Կոմսը գեղեցիկ էր, երիտասարդ, հարուստ, սիրո մեջ բախտավոր, բախտավոր թղթախաղում և գույքի ժառանգման գործում։ Նրա ազգականները հաճախ էին մեռնում և նրանց ժառանգությունները ավելացնում էին հուսարի առանց այդ էլ վիթխարի կարողությունը։

Նա հանդուգն էր ու համարձակ։ Նա օգնում էր Հաբեշստանի նեգուս Մենելիքին՝ իտալացիների դեմ մղած նրա կռվում։ Սպիտակ թիկնոցի մեջ փաթաթված, նա նստում էր Հաբեշստանի մեծ աստղերի տակ, նայելով տեղանքի երքվերսատոնց քարտեզին։ Ջահերի լույսը երերուն ստվերներ էին գցում կոմսի լպստած քունքերին։ Ոտքերի տակ նստել էր նրա նոր ընկերը՝ հաբեշ տղա Վասկան։

Իտալական թագավորի զորքերը ջախջախելուց հետո կոմսը վերադարձավ Պետերբուրգ հաբեշ Վասկայի հետ միասին։ Պետերբուրգը հերոսին դիմավորեց ծաղիկներով և շամպայնով։ Կոմս Ալեքսեյը կրկին սուզվեց վայելքների անհոգ հորձանուտի մեջ, ինչպես այդ ասվում է բարձրաշխարհիկ վեպերում։ Նրա մասին սկսեցին խոսել կրկնապատիկ հիացմունքով, կանայք թունավորվում էին նրա պատճառով, տղամարդիկ նախանձում։ Միլիոննայա փողոցով սուրացող կոմսական կառքի հետնամասում անփոփոխ կանգնում է հաբեշը, իր սևությամբ և բարակ իրանով անցորդների հիացմունքը առաջացնելով։

Եվ հանկարծ ամեն ինչ վերջացավ։ Կոմս Ալեքսեյ Բուլանովը անհետացավ։ Իշխանուհի Բելառուսկո֊Բալտիյսկայան, կոմսի վերջին տենչանքի առարկան, անմխիթար վիճակումն էր։ Կոմսի անհետացումը մեծ աղմուկ հանեց։ Թերթերը լի էին ենթադրություններով։ Խուզարկուները հալից ընկել էին։ Բայց այդ ամենը ապարդյուն էր։ Կոմսի հետքերը չէին գտնվում։

Երբ աղմուկն արդեն հանդարտվելու վրա էր, ամեն ինչ բացատրող նամակ եկավ Ավերկիևյան մենաստանից։ Փայլուն կոմսը, արիստոկրատիկ Պետերբուրգի հերոսը, XIX դարի Վալտասարը սքեմ էր ընդունել։ Ահավոր մանրամասնություններ էին պատմում։ Ասում էին, թե վանական կոմսը մի քանի փութ կապանքներ է կրում, որ ֆրանսիական խոհանոցին ընտել այդ մարդը այժմ սնվում է միայն կարտոֆիլի կճեպով։ Ենթադրությունների մրրիկ բարձրացավ։ Ասում էին, թե կոմսի աչքին երևացել է մեռած մոր ուրվականը։ Կանայք լաց էին լինում։ Իշխանուհի Բելոռուսկո֊Բալտիսկայայի շքամուտքի առջև կառքերի շարաններ էին կանգնած։ Իշխանուհին իր ամուսնու հետ ցավակցություններ էին ընդունում։ Նոր լուրեր էին ծնվում։ Սպասում էին կոմսի վերադարձին։ Ասում էին, թե դա ժամանակավոր խելացնորություն է կրոնական հողի վրա։ Պնդում էին, թե կոմսը փախել է պարտքերից։ Պատմում էին, թե այդ ամենի մեղավորը դժբախտ սերն է։

Մինչդեռ իրականում հուսարը վանական դարձավ՝ կյանքը հասկանալու համար։ Նա ետ չվերադարձավ։ Կամաց֊կամաց նրա մասին մոռացան։ Իշխանուհի Բալտիյսկայան ծանոթացավ իտալացի երգչի հետ, իսկ հաբեշ Վասկան մեկնեց հայրենիք։

Վանքում կոմս Ալեքսեյ Բուլանովը, որն իր վրա Եվպլ անունն էր վերցրել, տանջում էր իրեն մեծ սխրանքներով։ Նա իրոք կապանքներ էր կրում, բայց նրան թվում էր, թե դա քիչ է կյանքը ճանաչելու համար։ Այդ ժամանակ նա իր համար վանականի հատուկ համազգեստ հնարեց․ դեմքը ծածկող վեղար՝ ուղղաձիգ հովարով և շարժումները կաշկանդող փարաջա։ Վանահոր օրթնությամբ նա սկսեց կրել այդ համազգեստը։ Բայց դա էլ քիչ թվաց նրան։ Մեծ հպարտությամբ համակված, նա քաշվեց անտառային մի գետնանտուն և սկսեց ապրել կողնե դագաղի մեջ։

Մենակյաց Եվպլի սխրանքը զարմանքով լցրեց վանքը։ Նա ուտում էր միայն պաքսիմաթ, որի պաշարը նորոգում էին երեք ամիսը մեկ անգամ։

Այդպես անցավ քսան տարի։ Եվպլը իր կյանքը համարում էր իմաստուն, ուղիղ և միակ ճշմարիտ։ Անասելի հեշտացել էր նրա կյանքը, բյուրեղացել էին նրա մտքերը։ Նա ճանաչեց կյանքը և հասկացավ, որ այլ կերպ ապրել չի կարելի։

Մի անգամ նա զարմանքով նկատեց, որ այնտեղ, ուր քսան տարի շարունակ ընտելացել էր պաքսիմատ գտնելուն, ոչինչ չկար։ Չորս օր նա չկերավ։ Հինգերորդ օրը եկավ իրեն անծանոթ տրեխավոր մի ծերուկ և ասաց, թե բոլշևիկները վտարել են վանականներին և վանքում սովխոզ են կազմակերպել։ Ծերուկը լաց լինելով հեռացավ, մի քիչ պաքսիմաթ թողնելով։ Մենակյացը չհասկացավ ծերուկին։ Պայծառ ու խաղաղ պառկել էր նա դագաղում և ուրախանում էր իր կյանքը ճանաչելու համար։ Ծերուկ գյուղացին շարունակում էր պաքսիմաթ բերել։

Այդպես անցավ ոչ ոքի կողմից չանհանգստացնող մի քանի տարի ևս։

Մի անգամ միայն գետնատան դուռը բացվեց, և մի քանի հոգի կռանալով ներս մտան։ Նրանք մոտեցան դագաղին և սկսեցին լուռ զննել ճգնավոր ծերունուն։ Դրանք բարձրահասակ մարդիկ էին՝ խթանավոր սապոգներով, մեծ գալիֆեներով և փայտյա ողորկ տուփերի մեջ դրած մաուզերներով։ Ճգնավորը պառկած էր դագաղում, ձեռքերը երկարած, և ջինջ հայացքով նայում էր եկվորներին։ Երկար ու թեթև ալեհեր մորուքը ծածկել էր դագաղի կեսը։ Անծանոթները խթանները զրնգացրին, ուսերը թոթվեցին և հեռացան, դուռն իրենց ետևից խնամքով ծածկելով։

Ժամանակն անցնում էր։ Մենակյացի առջև կյանքը բացահայտվեց իր ամբողջ լիությամբ և քաղցրությամբ։ Մենակյացը անսպասելի կերպով զարթնեց այն օրվա գիշերը, երբ վերջնականապես հասկացավ, որ իր գիտակցության մեջ ամեն ինչ պայծառ է։ Այդ բանը զարմացրեց նրան։ Նա գիշերները երբեք չէր զարթնում։ Խորհրդածելով այն մասին, թե ինչը իրեն զարթնացրեց, նա նորից քնեց և անմիջապես արթնացավ, մեջքի վրա այրոց զգալով։ Այդ այրոցի պատճառը հասկանալուց հետո ջանաց քնել, բայց չկարողացավ։ Ինչ֊որ բան խանգարում էր նրան։ Մինչև առավոտ չքնեց։ Հետևյալ գիշերը մեկը դարձյալ արթնացրեց նրան։ Նա շուռումուռ եկավ մինչև առավոտ, հեծելով և հենց իրենից աննկատելի ձեռքերը քորելով։ Ցերեկը, վերկենալով, պատահականորեն նայեց դագաղի մեջ։ Այդ ժամանակ ամեն ինչ հասկացավ․ նրա մռայլ անկողնու անկյուններում արագ վազվզում էին բալեգույն փայտոջիլներ։ Մենակյացը զզվանք զգաց։

Նույն օրը եկավ ծերուկը և պաքսիմաթ բերեց։ Եվ ահա քսանհինգ տարի լուռ մնացած ճգնավորը խոսեց։ Նա խնդրեց իր համար բերել մի քիչ նավթ։ Մեծ լռակյացի խոսքերը լսելով, գյուղացին շշմեց։ Սակայն ամաչելով և շիշը թաքցնելով, նա բերեց նավթը։ Գյուղացու գալուն պես մենակյացը դողդոջ ձեռքով նավթ քսեց դագաղի բոլոր կարերին ու արանքներին։ Երեք օրվա ընթացքում Եվպլը առաջին անգամ հանգիստ քնեց։ Ոչ մի բան նրան չէր անհանգստացնում։ Նա դագաղին նավթ քսեց նաև հետևյալ օրերին։ Բայց երկու ամիս հետո հասկացավ, որ նավթով չի կարելի բնաջնջել փայտոջիլներին։ Գիշերները նա արագ շուռումուռ էր գալիս և բարձրաձայն աղոթում, բայց աղոթքները նավթից քիչ էին օգնում։

Կես տարին անցավ աներևակայելի տանջանքներով, նախքան ճգնավորը կրկին կդիմեր ծերուկին։ Երկրորդ խնդրանքն է՛լ ավելի զարմացրեց ծերունուն։ Մենակյացը խնդրեց քաղաքից բերել իր համար «Արագած» փոշի՝ փայտոջիլների ոչնչացման համար։ Բայց «Արագածն» էլ չօգնեց։ Փայտոջիլները աճում էին անասելի արագությամբ։ Մենակյացի հուժկու առողջությունը, որին չէր կարողացել կոտրել քսանհինգ տարվա պահած պասն ու ծոմը, նկատելի կերպով վատացել էր։ Սկսվեց մութ ու հուսահատ կյանք։ Դագաղը մենակյաց Եվպլին սկսեց թվալ անհարմար ու զզվելի։ Գիշերները նա գյուղացու խորհրդով փայտոջիլներին այրում էր մարխով։ Փյատոջիլները մեռնում էին, բայց անձնատուր չէին լինում։

Փորձարկվեց և վերջին միջոցը՝ եղբ։ Գլիկների արտադրանքը՝ «Կլոպին» անունով թունավորված դեղձի հոտ ունեցող վարդագույն հեղուկը, բայց դա էլ չօգնեց։ Դրությունը գնալով վատանում էր։ Մեծ պայքարից երկու տարի անց մենակյացը պատահականորեն նկատեց, որ բոլորովին դադարել է կյանքի իմաստի մասին մտածելուց, որովհետև գիշեր֊ցերեկ զբաղվել է փայտոջիլներ որսալով։

Այդ ժամանակ նա զգաց, որ սխալվել է։ Կյանքն այնպես, ինչպես քսանհինգ տարի առաջ՝ խավար էր և առեղծվածային։ Չհաջողվեց հեռանալ աշխարհիկ հոգսերից։ Պարզվեց, որ անհնարին է մարմնով ապրել երկրում, իսկ հոգով՝ երկնքում։

Այդ ժամանակ ոտքի ելավ ճգնավոր ծերուկը և շտապով դուրս եկավ գետնատնից։ Նա կանգնել էր մութ ու կանաչ անտառում։ Վաղ ու չոր աշուն էր։ Հենց գետնատան մոտերքը գետնի տակից դուրս էր պրծել հաստափոր սպիտակ սունկերի մի ամբողջ ընտանիք։ Անծանոթ մի թռչնակ նստել էր ճյուղին և մեներգում էր։ Լսվեց անցնող գնացքի աղմուկ։ Գետինը դողդողաց։ Կյանքը հրաշալի էր։ Ճգնավոր ծերուկը, առանց ետ նայելու, առաջ անցավ։

Այժմ նա ծառայում է Մոսկվայի կոմունալ տնտեսության ձիաբազայում որպես կառապան։

Պատմելով Իպոլիտ Մատվեևիչին այդ վերին աստիճանի ուսանելի պատմությունը, Օստապը պիջակի թևքով սրբեց իր մորեգույն կոշիկները, շրթունքներով տուշ նվագեց և հեռացավ։

Առավոտյան դեմ նա ներս ընկավ համարը, հանվեց, մորեգույն կոշիկները դրեց սեղանիկի վրա և սկսեց շոյել փայլուն կաշին, մեղմ կրքոտությամբ ասելով․

― Իմ փոքրիկ բարեկամներ։

― Որտե՞ղ էիք, ― քնաթաթախ հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Այրու մոտ, ― խուլ ձայնով պատասխանեց Օստապը։

― Հետո՞։

Իպոլիտ Մատվեևիչը կռթնեց արմունկին։

― Եվ դուք ամուսնանալու եք նրա հե՞տ։

Օստապի աչքերը կայծկլտացին։

― Այժմ արդեն ես պարտավոր եմ ամուսնանալ, իբրև ազնիվ մարդ։

Իպոլիտ Մատվևիչը քաշվելով խանչեց․

― Կրակոտ կին է, ― ասաց Օստապը, ― երազանքը պոետի։ Գավառական անմիջականություն։ Կենտրոնում նման սուբտրոպիկներ վաղուց արդեն չկան, բայց ծայրամսերում, տեղերում, դեռ պատահում են։

― Իսկ ե՞րբ է հարսանիքը։

― Վաղը չէ մյուս օրը։ Վաղը չի կարլեի։ Մայիսի մեկն է ― ամենուրեք փակ է։

― Բա մեր գործը ո՞նց է լինելու։ Դուք ամուսնանում եք․․․ Մինչդեռ հավանական է, մենք ստիպված կլինենք Մոսկվա գնալ։

― Դե, ինչո՞ւ եք անհանգստանում։ Նիստը շարունակվում է։

― Իսկ կի՞նդ։

― Կի՞նս։ Ադամնդե այրի՞ն։ Վերջին հա՛րց։ Անակնկալ մեկնում կենտրոնի կանչով։ Մի փոքր զեկուցում Փոքր Ժողմոմխորհում։ Հրաժեշտի տեսարան և տապակած ճուտ՝ ճանապարհի պաշար։ Կգնանք կոմֆորտով։ Քնեցեք։ Վաղը մեր ազատ օրն է։

Խորը շնչեցեք՝ դուք հուզված եք

Մայիսի մեկի առավոտյան Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը, գործելու սովորական ծարավից տանջվելով, դուրս պրծավ փողոց և սլացավ դեպի կենտրոն։ Սկզբում նրա բազմապիսի տաղանդները հարկ եղած կիրառումը չէին գտնում, որովհետև ժողովուրդ դեռ քիչ կար և հեծյալ միլիցիոներների պահպանած տոնական ամբիոնները դատարկ էին։ Բայց ժամը իննի մոտերքը քաղաքի զանազան ծայրերում նվագախմբերն սկսեցին մռլտալ, փնչացնել ու սուլել։ Դարբասներից դուրս վազեցին տնային տնտեսուհիները։

Ծալովի փափուկ օձիքներով երաժշտական աշխատողների շարասյունը ինչ֊որ կերպ խցկվել էր երկաթուղայինների թափորի մեջտեղը՝ ոտքի տակ ընկնելով և բոլորին խանգարելով։

Բեռնատար մեքենան, որի վրա հագցված էր «Щ», սերիայի ֆաներե կանաչ շոգեքարշ, հետևից շարունակ ցատկում էր երաժշտական աշխատողների վրա։ Ընդ որում շոգեքարշի հենց փորի միջից բղավում էին հոբոյի և ֆլեյտայի մշակների վրա։

― Ո՞ւր է ձեր կարգադրիչը։ Մի՞թե դուք էլ կարմիրբանակայինով եք անցնելու։ Չե՞ք տեսնում, որ խցկվել եք ու խցան ստեղծել։

Ի դժբախտություն երաժշտական աշխատողների այդ պահին գործին միջամտեց Վիկտոր Միխայլովիչը։

― Դե իհարկե, դուք այս կոմղը՝ դեպի փակուղին պետք է թեքվեք։ Տոնն անգամ չեն կարողանում կազմակերպել, ― ճղում էր ինքն իրեն Պոլեսովը։ ― Այս կողմ, այս կողմ։ Զարմանալի՛ խայտառակություն։

Ստարկոմխոզի և Մելստրոյի բեռնատարները երեխաներ էին ման ածում։ Ամենափոքրերը կանգնել էին բեռնատարի կողերի մոտ և մի քիչ մեծերը՝ մեջտեղը։ Անչափահաս զորականությունը թափահարում էր կարմիր դրոշակները և զվարճանում՝ մինչև հալից ընկնելը։

Կտկտում էին պիոներական թմբուկները։ Նախազորակոչիկները ցցում էին կրծքները և աշխատում էին համաքայլ ընթանալ։ Նեղվածք էր, շոգ և աղմկալից։ Ամեն րոպե խռնվածք էր գոյանում և րոպեապես ցրվում։ Խռնվածքում ժամանակը կարճելու համար, վեր֊վեր էին նետում ծերուկներին և ակտիվիստներին։ Ծերուկները կանացի ձայներով վայնասուն էին բարձրացնում։ Ակտիվիստները թռչում էին լուռ, լուրջ դեմքերով։ Մի ուրախ շարասյունում փողոցի մյուս կողմն անցնող Վիկտոր Միխայլովիչին կարգադրիչի տեղ դրին և սկսեցին վեր֊վեր թռցնել։ Պոլեսովը միմոսի պես թափահարում էր ոտքերը։

Անցկացրին անգլիական մինիստր Չեմբեռլենի խրտվիլակը, որի ցիլինդրին անատոմիական մկանունքով մի բանվոր խփում էր կարտոնե մուրճով։ Ավտոմոբիլով անցան երեք կոմերիտականներ՝ ֆրակներով և սպիտակ ձեռնոցներով։ Նրանք քաշվելով նայում էին բազմությանը։

― Վա՛սկա, ― բղավում էին մայթից։ ― Բուրժո՛ւյ։ Պինդ ձգիր։

Աղջիկները երգում էին։ Սոցապի ծառայողների բազմության մեջ քայլում էր Ալխենը՝ կրծքին կարմիր բանտ կապած և մտախոհ երգում էր քթի մեջ։

Բայց տայգայից մինչ բրիտանական ծովեր
Կարմիր բանակն է ամենից ուժեղ։

Ֆիզկուլտուրնիկները վանկ առ վանկ ինչ֊որ անհասկանալի բան էին բղավում։

Բոլորը գնում էին դեպի նոր տրամվայի դեպոն, որից ցերեկվա ուղիղ ժամը մեկին դուրս էր գալու Ստարգորոդի էլեկտրական տրամվայի առաջին վագոնը։

Ոչ ոք ստույգ չգիտեր, թե երբ էին սկսել կառուցել Ստարգորոդի տրամվայը։

Քսան թվին, երբ սկսվել էին շաբաթօրյակները, մի անգամ դեպոյականներն ու ճոպանագործները նվագախմբով գնացին Գուսիշչե և ամբողջ օրը ինչ֊որ փոսեր էին փորում։

Շատ մեծ ու խոր փոսեր փորեցին։

Աշխատողների մեջ դեսուդեն էր վազվզում ինժեներական գլխարկով մի ընկեր։ Նրա ետևից գույնզգույն ձողերով տասնպաետներ էին գնում։ Հետևյալ շաբաթօրյակին աշխատում էին դարձյալ նույն տեղում։ Երկու փոս, որ փորված էին ոչ այնտեղ, ուր հարկավոր էր, ստիպված եղան նորից լցնել։ Ինժեներական գլխարկով ընկերը վրա պրծավ տասնապետներին և բացատրություն պահանջեց։ Նոր փոսերը ավելի խոր և ավելի լայն էին փորում։

Հետո բերեցին աղյուս և հայտնվեցին իսկական կառուցող բանվորներ։ Նրանք սկսեցին հիմք դնել։ Ապա ամեն ինչ լռեց։ Ինժեներական գլխարկով ընկերը դեռ երբեմն գալիս էր ամայի շինարարություն, երկար անցուդարձ անում աղյուսով լցված փոսի շուրջը և քրթմնջում․

― Տնտհաշվարկ։

Նա գավազանով խփում էր հիմքին և փախչում էր քաղաք, տուն, ափերով փակելով սառած ականջները։

Ինժեների ազգանունը Տրեուխով էր։

Տրամվայի կայանը, որի շինարարությունը կանգ առավ հիմքի վրա՝ դեռ վաղուց՝ 1912 թվականից էր մտածված Տրեուխովի կողմից, բայց քաղաքային վարչությունը մերժեց նրա նախագիծը։ Երկու տարի անց Տրեուխովը վերսկսեց քաղաքային վարչության գրոհը, բայց պատերազմը խանգարեց։ Պատերազմից հետո խանգարեց հեղափոխությունը։ Այժմ խանգարում էր ՆԷՊ֊ը, տնտհաշվարկը, ծախսերի ինքնածածկումը։ Ամռանը հիմքն ամբողջովին ծածկվում էր ծաղիկներով, իսկ ձմեռը երեխաները սառցե լեռներ էին սարքում այնտեղ։

Տրեուխովը երազում էր մեծ գործի մասին։ Նրա համար տաղտկալի էր Ստարկոմխոզի բարեկարգման բաժնում ծառայելը, մայթերի եզրեր նորոգելը և աֆիշների պատվանդաններ կառուցելու նախահաշիվներ կազմելը։ Բայց մեծ գործ չկար։ Նորից քննության տրված տրամվայի նախագիծը թպրտում էր նահանգական բարձր ինստանցիաներում, մեկ հավանություն էր ստանում, մեկ չէր ստանում, ուղարկվում էր կենտրոնի քննարկամնը, բայց, անկախ հավանություն ստանալուց կամ չստանալուց, ծածկվում էր փոշով, որովհետև փողը չէր տրվում ոչ մեկ, ոչ մյուս դեպքում։

― Դա բարաբրոսությո՛ւն է, ― բղավում էր Տրեուխովը կնոջ վրա։ ― Փող չկա՞։ Իսկ փոխադրական միջոցների սեփականատերերին կայարան ապրանք տեղափոխելու համար ավելին վճարելու փող կա՞։ Ստարգորոդի կառապանները քերթում են և՛ կենդանիներին, և՛ մեռելներին։ Իհարկե, թալանչիների մենաշնորհն է։ Փորձիր իրերը շալակած հինգ վերստ ոտքով գնալ կայարան․․․ Տրամվայը վեց տարում իր ծախսը կհանի։

Նրա թոշնած բեղերը զայրագին կախվել էին։ Կճատ քթով դեմքը շարժվում էր։ Նա սեղանից հանում էր լուսանկարչությամբ կապույտ թղթի վրա տպագրած գծագրերը և բարկացած հազարերորդ անգամ ցույց էր տալիս կնոջը։ Այստեղ կային կայանի, դեպոյի և տրամվայի տասներկու գծերի պլաններ։

― Գրողի ծոցը տասներկուսը։ Կսպասե՛ն։ Բայց գոնե երեք գիծ լինի, երե՛ք։ Առանց դրանց Ստարգորոդը խեղդամահ կլինի։

Տրեուխովը փնչացնում էր և գնում խոհանոց փայտ սղոցելու։

Տան տնտեսական բոլոր աշխատանքները ինքն էր կատարում։ Նա հորինել և կառուցել էր երեխայի օրորոց և լվացքի մեքենա։ Սկզբում սպիտակեղենը ինքն էր լվանում, բացատրելով կնոջը, թե ինչպես պետք է վարվել մեքենայի հետ։ Տրեուխովի աշխատավարձի առնվազն հինգերորդ մասը գնում էր օտարերկրյա տեխնիկական գրականություն դուրս գրելուն։ Ծայրը ծայրին հասցնելու համար նա ծխելը թողեց։

Նա իր նախագիծը քարշ տվեց նաև Ստարկոմունխոզի նոր վարիչ Գավրիլինի մոտ, որին Ստարգորոդ էին տեղափոխել Սամարկանդից։ Թուրքեստանի արևի տակ սևացած նոր վարիչը երկար, բայց ոչ հատուկ ուշադրությամբ լսեց Տրեուխովին, անուշադիր նայեց բոլոր գծագրերը և վերջում ասաց․

― Իսկ ահա Սամարկանդում ոչ մի տրամվայ էլ պետք չէ։ Այնտեղ բոլորն էլ էշերով են ման գալիս։ Էշն արժե երեք ռուբլի ― ջրի գին։ Բայց բարձրացնում է տասը փութ․․․ Պստլիկ այսպիսի մի էշը, նույնիսկ զարմանալի է։

― Հենց դա էլ Ասիա, որ կա, ― բարկացած ասաց Տրեուխովը։ ― Էշն արժե երեք ռուբլի, իսկ նրան կերակրելու համար տարեկան երեսուն ռուբլի է պետք։

― Իսկ ձեր այդ տրամվայով շա՞տ կճամբորդեք երեսուն ռուբլով։ Երեք հարյուր անգամ։ Նույնիսկ տարվա ոչ բոլոր օրերը։

― Դե, որ այդպես է դուրս գրեք ձեր էշերին, ― բղավեց Տրեուխովը և դուրս վազեց կաբինետից դուռը շրխակացնելով։

Այդ օրվանից նոր վարիչի համար սովորություն դարձավ Տրեուխովին հանդիպելիս ծաղրալի հարցեր տալ․

― Հը, ոնց է, դուրս ենք գրում էշերի՞ն, թե՞ տրամվայ ենք կառուցում։

Գավրիլինի դեմքը նման էր հարթ ռանդած շաղգամի։ Աչքերը խորամանկում էին։

Երկու ամիս անց Գավրիլինը իր մոտ կանչեց ինժեներին և լրջորեն ասաց․

― Այստեղ ես մի փոքրիկ պլան եմ նշել։ Ինձ համար մի բան պարզ է, որ փող չկա, իսկ տրամվայը էշ չէ՝ երեք ռուբլով չես գնի։ Այստեղ նյութական բազա պետք է ստեղծել։ Ո՞րն է պրակտիկ լուծումը։ Բաժնետիրական ընկերություն։ Է՛լ ո՞րն է։ Փոխառություն։ Տոկոսով։ Տրամվայը քանի՞ տարում իր ծախսը կհանի։

― Առաջին հերթի երեք գծերը շահագործման հանձնելու օրվանից վեց տարի անց։

― Դե լավ, հաշվենք տասը տարի անց։ Այժմ բաժնետիրական ընկերության մասին։ Ո՞վ կմտնի։ Սնունդտրեստը։ Մասլոցենտրը։ Ճոպանագործներին տրամվայ պե՞տք է։ Պետք է։ Մենք բեռնատար վագոններ ենք ուղարկելու մինչև կայարան։ Նշանակում է և ճոպանագործները։ Գուցե մի քիչ էլ ՃՀԺԿ֊ն տա։ Կտա և նահգործկոմը։ Սա արդեն պարտադիր է։ Իսկ որ սկսեցինք՝ Պետբանկը և կոմունալ բանկը վարկ կտան։ Ահա այսպիսի մի պլան ունեմ։ Ուրբաթ օրը նահգործկոմի նախագահությունում խոսակցություն կլինի այդ մասին։ Եթե որոշեցինք՝ անելիքը ձեր վրա է։

Տրեուխովը մինչև ուշ գիշեր հուզված լվացք էր անում և կնոջը բացատրում տրամվայի առավելությունները՝ համեմատած սայլերով կատարվող փոխադրումների հետ։ Ուրբաթ օրը հարցը բարեհաջող լուծում ստացավ։ Ու սկսվեցին տառապանքները։ Բաժնետիրական ընկերություն կազմակերպեցին մեծ դժվարությամբ։ ՃՀԺԿ֊ը մերթ մտնում, մերթ չէր մտնում բաժնետերերի մեջ։ Սնունդտրեստը ամեն կերպ ջանում էր տասնհինգ տոկոս բաժնետոմսերի փոխարեն ստանալ միայն տասը տոկոս։ Վերջապես վաժնետոմսերի ողջ կապոցը բաշխվեց, թեև գործը առանց ընդհարումների յոլա չգնաց։ Գավրիլինին ճնշում գործ դնելու համար կանչեցին նահանգային ՎՀ։ Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ։ Մնում էր սկսել։

― Դե՛, ընկեր Տրեուխով, ― ասաց Գավրիլինը, ― սկսիր։ Զգո՞ւմ ես, որ կարող ես կառուցել։ Թե չէ հա՜։ Սա էշ գնել չէ։

Տրեուխովը թաղվեց աշխատանքի մեջ։ Եկավ այն մեծ գործի ժամանակը, որի մասին նա երազում էր տարիներ շարունակ։ Գրվեցին նախահաշիվներ, կազմվեց կառուցման պլան, պատվերներ տրվեցին։ Դժվարություններ էին ծագում այնտեղ, որտեղ ամնից քիչ էին սպասում։ Քաղաքում չգտնվեցին մասնագետ բետոնագործներ և ստիպված եղան դուրս գրել Լենինգրադից։ Գավրիլինը շտապեցնում էր, բայց գործարանները խոստանում էին մեքենաները տալ միայն մեկ ու կես տարուց հետո։ Մինչդեռ նրանք հարկավոր էին ամենաուշը մեկ տարուց։ Ազդեց միայն մեքենաները արտասահմանում պատվիրելու սպառնալիքը։ Ապա սկսվեցին ավելի փոքր անախորժություններ։ Մեկ դժվար էր լինում ճարել անհրաժեշտ չափի ձևավոր երկաթ, մեկ ներծծված շպալի փոխարեն առաջարկում էին ոչ ներծծված։ Վերջապես տվեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, բայց Տրեուխովը, որ գնացել էր շպալաներծծման գործարանը, խոտանեց շպալների վաթսուն տոկոսը։ Չուգունե մասերի մեջ խոռոչներ կային։ Անտառանյութը խոնավ էր։ Ռելսերը լավն էին, բայց մի ամիս ուշացումով սկսեցին ստացվել։ Գավրիլինը հաճախ կայանի շինարարություն էր գալիս, հին հարբուխ կպած «ֆիատով»։ Այստեղ նրա ու Տրեուխովի մեջ վեճեր էին ծագում։

Քանի դեռ կառուցվում ու մոնտաժվում էր տրամվայի կայանը, ստարգորոդցիները միայն կատակներ էին բաց թողնում։

«Ստարգորոդյան պրավդայում» տրամվայի հարցով զբաղվում էր ամբողջ քաղաքին հայտնի ֆելիետոնիստ Պրինց Դատսկին, որն այժմ գրում էր «Մախովիկ» կեղծանունով։ Շաբաթական ոչ պակաս երեք անգամ նա ճայթում էր կենցաղային մեծ ակնարկով՝ շինարարության ընթացքի մասին։ Թերթի երրորդ էջը, ուր առատորեն տպագրվում էին կասկածամիտ վերնագրերով թղթակցությունները՝ «Ակումբի հոտ չի գալիս», «Թույլ կետերին», «Զննումներ պետք են, բայց ինչ գործ ունեն այստեղ փայլուն ու երկար պոչերը», «Լավ է․․․ և վատ», «Ինչին ենք ուրախ և ինչին՝ ոչ»։ «Հուպ տալ լուսավորության վնասարարներին» և «Ժամանակն է վերջ տալ թղթե ծովին» ― սկսեց ընթերցողներին պարգևել Մախովիկի ակնարկների արևավառ և կայտառ վերնագրերը՝ «Ինչպես ենք կառուցում, ինչպես ենք ապրում», «Շուտով գիգանտը կաշխատի», «Համեստ կառուցող» և նման բաներ նույն ոգով։

Տրեուխովը ահուդողով էր բաց անում թերթը, և զզվանք տածելով գրող եղբայրների հանդեպ, իր անձի մասին կարդում էր առույգ տողեր․

․․․ Բարձրանում եմ ծպեղի վրա։ Քամին աղմկում է ականջներումս։

Վերևում նա է, մեր հզոր տրամվայի կայանի անբարետես կառուցողը, արտաքուստ վտիտ, կճատ քթով այդ մարդը՝ առօրյա մուրճիկավոր գլխարկով։

Վերհիշում եմ․ «Ամայի ալիքների ափին կանգնել էր նա, մեծ խոհերով լեցուն»։

Մոտենում եմ։ Ոչ մի քամի։ Ծպեղները չեն շարժվում։

Հարցնում եմ․

― Ինչպե՞ս են կատարվում առաջադրանքները։

Կառուցող ինժեներ Տրեուխովի տգեղ դեմքը կենդանանում է․․․

Նա սեղմում է իմ ձեռքը։ Նա ասում է։

― Առաջադրանքի յոթանասուն տոկոսն արդեն կատարված է։

Հոդվածը վերջանում էր այսպես․

Հրաժեշտին նա սեղմում է իմ ձեռքը․․․ Իմ ետևում գվվում են ծպեղները։

Բանվորները դես ու դեն են վազվզում։

Ո՞վ կարող է մոռանալ բանվորական կառուցման այդ եռուզեռը, մեր կառույցի այդ անբարետես կերպարանքը։

Մախովիկ

Տրեուխովին փրկում էր միայն այն, որ թերթ կարդալու ժամանակ չէր ունենում և երբեմն հաջողվում էր բաց թողնել ընկ․ Մախովիկի երկասիրությունները։

Մի անգամ Տրեուխովը չդիմացավ և գրեց մի լավ մտածված խայթող հերքում։

«Իհարկե, ― գրում էր նա, ― հեղույսները կարելի է տրանսմիսիա անվանել, բայց այդ անում են կառուցման գործից ոչինչ չհասկացող մարդիկ։ Եվ հետո, ես կուզենայի նշել ընկ․ Մախովիկին, որ ծպեղները գվվում են միայն այն ժամանակ, երբ շինվածքը պատրաստվում է փուլ գալ։ Այդպես խոսել ծպեղների մասին, միևնույն էթե պնդել, իբր թավջութակը երեխաներ է ծնում։ Ընդունեցեք և այլն»։

Դրանից հետո անհանգիստ Պրինցը դադարեց կառուցման վրա երևալուց, բայց կենցաղային ակնարկները առաջվա պես շարունակում էին զարդարել երրորդ էջը, ցայտուն աչքի ընկնելով առօրյա «15000 ռուբլին ժանգոտում է», «Բնակարանային գուղձեր», «Նյութերը լալիս են» և «Կուրյոզներ ու արցունքներ» վերնագրերի ֆոնի վրա։

Շինարարությունը մոտենում էր ավարտին։ Թերմիտային եղանակով զոդվում էին ռելսերը, և նրանք առանց բացակների ձգվում էին բուն կայարանից մինչև սպանդանոցը և բերովի շուկայից մինչև գերեզմանոցը։ Սկզբում ուզում էին տրամվայի բացումը հարմարեցնել Հոկտեմբերի իններորդ տարեդարձին, բայ վագոնաշինարարական գործարանը, մեղքը գցելով «արմատուրայի վրա, ժամանակին չտվեց վագոնները։ Ստիպված եղան բացումը հետաձգել մինչև Մայիսի մեկը։ Այդ օրվա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ էր։

Կոնցեսիոներները, զբոսնելով ցուցարարների հետ միասին, հասան Գուսիշչե։ Այնտեղ էր հավաքվել ողջ Ստարգորոդը։ Դեպոյի նոր շենքը պատել էին փշատերև կամարներով, դրոշները փողփողում էին, քամին սուրում էր լոզունգների վրայով։ Հեծյալ միլիցիոները քառատրոփ արշավում էր առաջին պաղպաղակավաճառի ետևից, որն աստված գիտե թե ինչ կերպ ընկել էր տրամվայշիկների կողմից շղթայված դատարկ շրջագծի մեջ։ Դեպոյի երկու դարբասների արանքում բարձրացել էր լղրճուկ, դեռևս դատարկ ամբիոնը՝ ուժեղացնող միկրոֆոնով։ Ամբիոնին էին մոտենում պատգամավորները։ Կոմունալնիկների և ճոպանագործների միաբերած նվագախումբը փորձում էր իր թոքերի ուժը։ Թմբուկը ընկած էր գետնին։

Դեպոյի լուսավոր դահլիճում, ուր կանգնած էին բաց կանաչ գույնի տասը վագոն՝ համարակալված 701֊ից մինչև710֊ըը, թրև էր գալիս մազմզոտ կեպիով Մոսկվայի թղթակիցը։ Նրա կրծքից կախված էր փոքրիկ հայելի, որին հաճախ ու մտահոգ նայում էր։ Թղթակիցը փնտրում էր գլխավոր ինժեներին, որպեսզի մի քանի հարց տար տրամվայի մասին։ Թեև թղթակցի գլխում արդեն պատրաստ էր տրամվայի բացմանը վերաբերող ակնարկը, ներառյալ դեռ չարտասանված ճառերի կոնսպեկտը, այնուամենայնիվ թղթակիցը բարեխղճորեն շարունակում էր իր որոնումները, թերություն համարելով միայն բուֆետի բացակայությունը։

Բազմության մեջ երգում էին, բղավում, արևածաղկի սերմ էին չրթում, սպասելով տրամվայի բացմանը։

Ամբիոն բարձրացավ նահգործկոմի նախագահությունը։ Պրինց Դատսկին կակազելով ֆրազներ էր փոխանակում գրչակից եղբոր հետ։ Սպասում էին Մոսկվայի կինոխրոնիկյորների ժամանելուն։

― Ընկերնե՛ր, ― ասաց Գավրիլինը։ ― Հանդիսավոր միտինգը նվիրված Ստարգորոդի տրամվայի բացմանը թույլ տվեք համարել բացված։

Պղնձե փողերը շարժվեցին, հառաչեցին և երեք անգամ իրար ետևից նվագեցին «Ինտենացիոնալը»։

― Զեկուցման համար խոսքը տրվում է ընկեր Գավրիլինին, ― բղավեց Գավրիլինը։

Պրինց Դատսկին ― Մախովիկը և մոսկովյան հյուրը, իրար հետ չպայմանավորվելով, ծոցատետրերում գրեցին․

«Հանդիսավոր միտինգը բացվեց Ստարկոմունխոզի նախագահ ընկ․ Գավրիլինի զեկուցումով։ Բազմությունը լսողություն դարձավ»։

Երկու թղթակիցներն էլ բոլորովին տարբեր մարդիկ էին։ Մոսկվայի հյուրը ամուրի էր և երիտասարդ։ Մեծ ընտանիքով ծանրաբեռնված Պրինց֊Մախովիկը վաղուց արդեն անց էր քառասունից։ Մեկը մշտապես ապրում էր Մոսկվայում, մյուսը երբեք չէր եղել այնտեղ։ Մոսկվացին գարեջուր էր սիրում, Մախովիկ֊Դատսկին, բացի օղուց, ոչինչ չէր առնում բերանը։ Բայց, չնայած բնավորությունների և դաստիարակության այդ տարբերությանը, երկու ժուռնալիստների տպավորությունները միաձուլվում էին միևնույն մաշված, տրորված, փոշու մեջ կորած ֆրազների մեջ։ Նրանց մատիտները գործեցին և ծոցատետրերում հայտնվեց նոր գրառում․ «Տոնի օրը Ստարգորոդի փողոցները ասես ավելի էին լայնացել․․․»։

Գավրիլինը իր ճառը լավ ու պարզ սկսեց․

― Տրամվայ կառուցելը, ― ասաց նա, ― դա էշ գնել չէ։

Բազմության մեջ հանկարծակի լսվեց Օստապ Բենդերի բարձրաձայն ծիծաղը։ Նա գնահատեց այդ ֆրազը։ Ընդունելությունից քաջալերված Գավրիլինը, ինքն էլ չհասկանալով թե ինչու, հանկարծ սկսեց խոսել միջազգային դրության մասին։ Նա մի քանի անգամ փորձեց իր զեկուցումը բաց թողնել տրամվայի ռելսերով, բայց սարսափով նկատեց, որ այդ բանը անել չի կարող։ Խոսքերն իրենք իրենց, հռետորի կամքին հակառակ, մի տեսակ միջազգային էին ստացվում։ Չեմբեռլենից հետո, որին Գավրիլինը կես ժամ տրամադրեց, միջազգային թատերաբեմ դուրս եկավ ամերիկյան սենատոր Բորան։ Բազմությունը փափկեց։ Թղթակիցները միաժամանակ գրի առան․ «Հռետորը պատկերավոր արտահայտություններով նկարագրեց մեր միության միջազգային դրությունը․․․»։ Կրակ կտրած Գավրիլինը վատ կարծիք հայտնեց ռումինական բոյարների մասին և անցավ Մուսոլինիին։ Եվ միայն ճառի վերջում նա հաղթահարեց իր երկրորդ միջազգային էությունը և սկսեց խոսել գործնական լավ խոսքերով․

― Եվ ես կարծում եմ, ընկերնե՛ր, որ դեպոյից հենց հիմա դուրս եկող այս տրամվայը ո՞ւմ շնորհիվ է բաց թողնված։ Իհարկե, ընկերներ, շնորհիվ ահա ձեզ, շնորհիվ բոլոր բանվորների, որոնք հիրավի աշխատեցին ոչ թե վախի, այլ խղճի մտոք։ Եվ մեկ էլ, ընկերներ, շնորհիվ սովետական ազնիվ մասնագետի, գլխավոր ինժեներ Տրեուխովի։ Նրան ևս շնորհակալություն։

Սկեցին փնտրել Տրեուխովին, բայց չգտան։ Մասլոցենտրի ներկայացուցիչը, որը վաղուց արդեն կրակ էր կտրել, խցկվելով մոտեցավ ճաղաշարքին, ձեռքը թափահարեց և բարձրաձայն սկսեց խոսել միջազգային դրության մասին։ Նրա ճառը վերջանալուն պես, երկու թղթակիցներն էլ, ունկնդրելով ցանցառ ծափերին, արագ֊արագ գրեցին․ «Աղմկալից ծափահարություններ, որոնք փոխվում են օվացիայի․․․»։ Հետո մտածեցին, որ «փոխվում է օվացիայի․․․»֊ն թերևս շատ ուժեղ կլինի։ Մոսկվացին սիրտ արեց և օվացիան ջնջեց, Մախովիկը հառաչեց և թողեց։

Արևն արագ գլորվում էր թեք հարթությամբ։ Ամբիոնից ողջույնի ճառեր էին ասում։ Նվագախումբը րոպեն մեկ տուշ էր նվագում։ Պայծառորեն կապտեց երեկոն, իսկ միտինգը դեռ շարունակվում էր։ Ե՛վ խոսողները, և՛ լսողները վաղուց արդեն զգում էին, որ ինչ֊որ վատ բան ստացվեց, որ միտինգը ձգձգվեց, որ շուտով պետք է անցենլ տրամվայի թողարկմանը։ Բայց բոլորն այնպես էին ընտելացել խոսելուն, որ չէին կարողանում կանգ առնել։

Վերջապես գտան Տրեուխովին։ Նա կեղտոտվել էր և, նախքան ամբիոն բարձրանալը, երկար ժամանակ գրասենյակում լվանալիս է եղել երեսն ու ձեռքերը։

― Խոսքը տրվում է գլխավոր ինժեներ ընկեր Տրեուխովին, ― ուրախ֊ուրախ ազդարարեց Գավրիլինը։ ― Դե խոսիր, թե չէ ես բոլորովին էն չէի ասում, ― ավելացրեց նա շշուկով։

Տրեուխովը շատ բան էր ուզում ասել։ Ե՛վ շաբաթօրյակների մասին, և՛ ծանր աշխատանքների, և՛ այն ամենի մասին՝ ինչ արված և դեռ պետք է արվի։ Իսկ անելիք շատ կա․ քաղաքը կարելի է ազատել բերովի վարակիչ շուկայից, կառուցել ապակյա ծածկած կորպուսներ, կարելի է կառուցել մշտական կամուրջ ժամանկավորի փոխարեն, որին ամեն տարի սառցահոսանքը քշում֊տանում է, կարելի է, վերջապես, իրագործել հսկա մսասառցակոմբինատի կառուցման նախագիծը։

Տրեուխովը բացեց բերանը և կմկմալով սկսեց խոսել․

― Ընկերներ։ Մեր պետության միջազգային դրությունը․․․

Եվ այնուհետև այնպիսի տարրական ճշմարտություններ սկսեց ծամծմել, որ արդեն վեցերորդ միջազգային ճառը լսող բազմությունը սառեց։ Վերջացնելուց հետո միայն Տրեուխովը հասկացավ, որ ինքն էլ ոչ մի բառ չասաց տրամվայի մասին։ «Ա՜յ վիրավորական է, ― անցավ նրա մտքով, ― մենք բացարձակպես խոսել չենք կարողանում, բացարձակապես»։

Եվ նա մտաբերեց ֆրանսիական կոմունիստի ճառը, որ լսել էր Մոսկվայի մի ժողովում։ Ֆրանսիացին խոսում էր բուրժուական մամուլի մասին։ «Այդ գրչի ակրոբատները, ― բացականչում էր նա, ― այդ ֆարսի վիրտուոզները, ռոտացիոն մեքենաների այդ չախկալները․․․» Ֆրանսիացին ճառի առաջին մասը արտասանեց լյա տոնով, երկրորդ մասը՝ դո տոնով և վերջինը՝ պաթետիկականը, մի տոնով։ Նրա ձեռքի շարժումները չափավոր էին ու գեղեցիկ։

«Իսկ մենք միայն ջուր ենք պղտորում, ― որոշեց Տրեուխովը, ― ավելի լավ կլիներ իսկի չխոսեինք»։

Արդեն բոլորովին մութն էր, երբ նահանգային գործկոմի նախագահը մկրատով կտրեց կարմիր ժապավենը, որով փակված էր դեպոյի դուռը։ Բանվորները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները աղմուկ֊աղաղակով սկսեցին տեղ գրավել վագոններում։ Նուրբ զանգակները զրնգացին, և տրամվայի առաջին վագոնը, որը կառավարում էր Տրեուխովը, դուրս պրծավ դեպոյից՝ ամբոխի խլացուցիչ գոռում֊գոչյունների և նվագախմբի հեծեծանքի տակ։ Լուսավորված վագոնները շատ ավելի շլացուցիչ էին թվում, քան ցերեկը։ Նրանք բոլորը իրար ետևից լողում էին Գուսիշչեով։ Երկաթուղային կամրջի տակից անցնելով, նրանք հեշտությամբ բարձրացան քաղաք և թեքվեցին Բոլշայա Պուշկինսկայա փողոցը։ Երկրորդ վագոնով գնում էր նվագախումբը և, փողերը պատուհաններից դուրս հանած, նվագում էր Բուդյոննու մարշը։

Գավրիլինը կոնդուկտորի համազգեստային տուժուրկայով, ուսից գցած պայուսակով, վագոնիվ վագոն թռչելով, քնքուշ ժպտում էր, անտեղի զանգեր էր տալիս և ուղևորներին հրավիրատոմսեր էր հանձնում գնալու

Հանդիսավոր երեկո
1 մայիսի երեկոյան ժամը 9֊ին
որը տեղի է ունենալու կոմունալնիկների ակումբում հետևայլ ծրագրով

1. Զեկուցում ընկ․ Մոսինի

2. Կոմունալնիկների միության պատվոգրերի հանձնում

3. Ոչ պաշտոնական մաս․ մեծ համերգ, ընտանեկան ընթրիք բուֆետով։

Վերջին վագոնի հարթակի վրա կանգնել էր հայտնի չէ, թե ինչ կերպ պատվավոր հյուրերի շարքն ընկած Վիկտոր Միխայլովիչը։ Նա տնտղում և հոտոտում էր մոտորը։ Ի մեծ զարմանս Պոլեսովի, մոտորը լավ տեսք ուներ և, ինչպես երևում է, կարգին աշխատում էր։ Մանրամասն զննելուց հետո Վիկտոր Միխայլովիչը համոզվեց, որ նրանք այնուամենայնիվ ռետինի վրա են։ Նա արդեն մի քանի դիտողություն արել էր վագոնավարին և հասարակության մեջ արևմուտքի տրամվայի գործի լավ գիտակի համարում ուներ։

― Օդային արգելակը լավ չի աշխատում, ― հայտարարեց Պոլեսովը հաղթականորեն նայելով ուղևորներին, ― չի ներծծում։

― Քեզ չեն հարցրել, ― պատասխանեց վագոնավարը, ― վայ թե ներծծի։

Տոնական պտույտ կատարելով քաղաքում, վագոնները վերադարձան դեպո, որտեղ նրանց սպասում էր բազմությունը։ Տրեուխովին արդեն ճոճում էին էլեկտրական լամպերի լիակատար շողշողանքի պայմաններում։ Ճոճեցին և Գավրիլովին, բայց քանի որ նա վեց փութ էր կշռում և բարձր չէր թռչում, շուտով նրան բաց թողեցին։ Ճոճում էին ընկեր Մոսինին, տեխնիկներին և բանվորներին։ Այդ օրը երկրորդ անգամ ճոճեցին Վիկտոր Միխայլովիչին։ Այժմ նա արդեն ոտքերով չէր քացահարում, այլ խստադեմ և լրջորեն նայելով աստղալից երկնքին, թռչում և ճախրում էր գիշերվա մթության մեջ։ Վերջին անգամ սավառնելիս Պոլեսովը նկատեց, որ իր ոտքից բռնել և զզվելի ծիծաղով հռհռում է ոչ այլ ոք, քան նախկին պարագլուխ Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը։ Պոլեսովը քաղաքավարի ազատվեց, մի կողմ քաշվեց, բայց տեսողությունից արդեն բաց չէր թողնում պարագլխին։ Նկատելով, որ Իպոլիտ Մատվեևիչը երիտասարդ անծանոթի՝ որոշակի նախկին սպայի հետ գնում է, Վիկտոր Միխայլովիչը զգուշորեն հետևեց նրանց։

Երբ ամեն ինչ վերջացավ, և Գավրլիովը իր մանուշակագույն «ֆիատով» սպասում էր վերջին կարգադրություններն անող Տրեուխովին, որպեսզի միասին գնային ակումբ, դեպոյի դարբասներին մոտեցավ Ֆորդի կիսաբեռնատար մեքենան՝ կինոխրոնյիկորների հետ միասին։

Առաջին մեքենայից ճարպկորեն ցատկեց տասներկուանկյունանի եղջերաշրջանակ ակնոցով մի տղամարդ՝ կաշվե պճնագեղ անթև բաճկոնով։ Տղամարդու երկար ու սուր մորուքը սկսվում էր ուղիղ ադամախնձորից։ Երկրորդ տղամարդը քարշ էր տալիս կինոապարատը, խճճվելով այն ոճի երկար շարֆի մեջ, որին Օստապ Բենդերը սովորաբար անվանում էր «շիկ֊մոդեռն»։ Ապա բեռնատարից դուրս սողացին ասիստենտներ, յուպիտերներ ու աղջիկներ։

Ամբողջ խումբը գոռում֊գոչյունով նետվեց դեպի դեպոն։

― Ուշադրությո՛ւն, ― բղավեց մորուքով կաշվե բաճկոնակավորը։ ― Կո՛լյա, դիր յուպիտերները։

Տրեուխովն սկսեց կարմրել և շարժվեց դեպի գիշերվա այցելուները։

― Այդ դո՞ւք եք կինոն, ― հարցրեց նա։ ― Բա ինչո՞ւ ցերեկը չեկաք։

― Իսկ ե՞րբ է նշանակված տրամվայի բացումը։

― Նա արդեն բացվել է։

― Այո, այո, մենք մի փոքր ուշացանք։ Լավ բնության տեսարանի հանդիպեցինք։ Ահագին աշխատանք կա։ Արևի մայրամուտ։ Ասենք, մենք առանց դրան էլ գլուխ կհանենք։ Կո՛լյա։ Լույս տուր։ Պտտվող անի՛վ։ Խոշո՛ր։ Ամբոխի շարժվող ոտքե՛ր ― խոշոր։ Լյո՛ւդա։ Մի՛լոչկա։ Անցե՛ք, գնացե՛ք, գնացե՛ք․․․ Բավական է։ Շնորհակալություն։ Հիմա կնկարենք կառուցողին։ Ընկեր Տրեուխո՞վ։ Բարի եղեք, ընկեր Տրեուխով։ Ոչ, այդպես չէ։ Երեք քառորդով․․․ Այ այդպես, ավելի օրիգինալ, տրամվայի ֆոնի վրա․․․ Կո՛լյա։ Սկեցի՛նք։ Որևէ բան ասեք։

― Դե ճիշտն ասած, մի քիչ անհարմար է․․․

― Հոյակապ է․․․ Լավ է․․․ էլի խոսեցեք․․․ Այժմ դուք խոսում եք, տրամվայի առաջին ուղևորուհու հետ․․․ Լյո՛ւդա։ Մտե՛ք շրջանակ։ Այդպես։ Խոր շնչեցեք՝ դուք հուզված եք․․․ Կո՛լյա։ Ոտքերը խոշո՛ր․․․ Սկսեցի՛նք․․․ Այդպես, այդպես․․․ Մեծ շնորհակալություն․․․ Ստո՛պ։

Վաղուց ի վեր դողդողացող «ֆիատից» ծանրորեն իջավ Գավրիլինը, որն եկել էր կանչելու ուշացող ընկերոջը։ Մամզոտ ադամախնձորով ռեժիսյորը աշխուժացավ։

― Կո՛լյա։ Այս կո՛ղմ։ Հիանալի տիպաժ։ Բանվո՛ր։ Տրամվայի ուղևո՛ր։ Խոր շնչեցե՛ք։ Դուք հուզվա՛ծ եք։ Դուք առաջներում երբեք տրամվայ չեք նստել։ Սկսեցե՛ք։ Շնչեցե՛ք։

Գավլինինը ատելությամբ փնչացրեց։

― Հիանալի է․․․ Մի՛լոչկա․․․ Ե՛կ այստեղ։ Ողջո՛ւյն կոմսոմոլից․․․ Խոր շնչեցե՛ք։ Դուք հուզվա՛ծ եք․․․ Այդպես․․․ Հիանալի է․․․ Հիանալի է։ Կո՛լյա․․․ Վերջացրի՛նք։

― Իսկ տրամվայը չե՞ք նկարահանելու, ― հարցրեց Տրեուխովը ամաչելով։

― Գիտեք ինչ, ― բառաչեց կաշվե ռեժիսյորը, ― լուսավորության պայմանները թույլ չեն տալիս։ Ստիպված ենք մնացածը Մոսկվայում հանել։ Համբուրում եմ։

Կինոխրոնիկան կայծակի արագությամբ չքացավ։

― Դե, բարեկամս, գնանք հանգստանալու, ― ասաց Գավրիլինը։ ― Դու ի՞նչ է, ծխե՞լ ես։

― Ծխել եմ, ― խոստովանեց Տրեուխովը, ― չդիմացա։

Ընտանեկան երեկույթին սոված ու շատ ծխած Տրեուխովը խմեց երեք ըմպանակ օղի և բոլորովին հարբեց։ Նա համբուրվում էր բոլորի հետ, և բոլորը համբուրում էին նրան։ Նա ուզում էր մի քաղցր խոսք ասել կնոջը, բայց միայն ծիծաղեց։ Հետո երկար ժամանակ թափահարում էր Գավրիլինի ձեռքը և ասում․

― Խելա՛ռ։ Դու պետք է սովորես նախագծել երկթուղային կամուրջներ։ Հիանալի գիտություն է դա։ Եվ որ գլխավորն է՝ բացարձակապես հասարակ։ Կամուրջ Հուդզոնի վրա․․․

Կես ժամ անց նա վերջնականապես հալից ընկավ և բուրժուական մամուլի դեմ ուղղված մի ֆիլիպիկա արտասանեց։

― Այդ ֆարսի ակրոբատնե՛րը, այդ գրչի բորենինե՛րը։ Ռոտացիոն մեքենաների այդ վիրտուոզնե՛րը, ― բղավում էր նա։

Կինը նրան տուն տարավ կառքով։

― Ուզում եմ գնալ տրամվայով, ― ասում էր նա կնոջը, ― ինչպե՞ս այդ չես հասկանում դու։ Եթե տրամվայ կա, ուրեմն պետք է գնալ նրանով։ Ինչո՞ւ։ Նախ և առաջ դա ձեռնտու է․․․

Պոլեսովը գնում էր կոնցեսիոներների ետևից, երկար ժամանակ դիմանում էր և, հարմար րոպե գտնելով, երբ շուրջը ոչ ոք չկար, մոտեցավ Վորոբյանինովին։

― Բարի երեկո, պարոն Իպոլիտ Մատվեևիչ, ― ասաց նա հարգանքով։

Վորոբյանինովը իրեն վար զգաց․

― Ես պատիվ չեմ ունեցել, ― քրթմնջաց նա։

Օստապը առաջ գցեց աջ ուսը և մոտեցավ փականակագործ ինտելիգենտին։

― Հը, ― ասաց նա, ― ի՞նչ եք ուզում ասել իմ ընկերոջը։

― Անհանգստանալու ոչինչ չկա, ― շշնջաց Պոլեսովը։ ― Ես եկել եմ Ելենա Ստանիսլավնովնայի մոտից․․․

― Ինչպե՞ս։ Նա այստե՞ղ է։

― Այստեղ է։ Եվ շատ է ուզում ձեզ տեսնել։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Օստապը։ ― Իսկ դուք ո՞վ եք։

― Ես․․․ Դուք, Իպոլիտ Մատվեևիչ, ոչ մի վատ բան մի կարծեք։ Դուք ինձ չեք ճանաչում, բայց ես ձեզ շատ լավ եմ հիշում։

― Ես կուզենայի անցնել Ելենա Ստանիսլավնովնայի մոտ, ― անվճռականորեն ասաց Վորոբյանինովը։

― Նա շատ է խնդրում ձեզ անցենլ։

― Լավ, բայց նա որտեղի՞ց գիտեր․․․

― Ես ձեզ հանդիպեցի կոմունխոզի միջանցքում և երկար ժամանակ մտածում էի՝ ծանոթ դեմք է։ Հետո հիշեցի։ Դուք, Իպոլիտ Մատվեևիչ, ոչ մի բանի համար մի հուզվեք։ Ամեն ինչ բոլորովին գաղտնի կլինի։

― Ծանոթ կի՞ն է, ― գործիմացորեն հարցրեց Օստապը։

― Հա, հին ծանոթ է․․․

― Այդ դեպքում գուցե գնանք ընթրելու, հին ծանոթուհու մոտ։ Ես, օրինակ, խենթորեն խժռել եմ ուզում, մինչդեռ ամեն տեղ փակ է։

― Չեմ առարկում։

― Այդ դեպքում գնանք։ Առաջնորդեցե՛ք մեզ, խորհրդավոր անծանոթ։

Եվ Վիկտոր Միխայլովիչը միջանցուկ բակերով, ամեն րոպե շուրջը նայելով, կամպանյոններին առաջնորդեց Պերելեշինյան նրբանցքում գտվող գուշակուհու տունը։

«Սրի և խոփի միությունը

Երբ կինը պառավում է, նրա հետ կարող են բազում անախորժություններ պատահել․ կարող են ատամները թափվել, մազերը նոսրանալ ու սպիտակել, շնչարգելություն առաջանալ, կարող է գիրանալ, կարող է անասելի նիհարել, բայց նրա ձայնը չի փոխվի։ Այն կմնա ճիշտ այնպես, ինչպես եղել է գիմնազիստկա, հարսնացու, կամ մի ջահել թեթևսոլիկ սիրուհին եղած օրերին։

Այդ իսկ պատճառով, երբ Պոլեսովը դուռը բախեց և Ելենա Ստանիսլավովնան հարցրեց՝ «ո՞վ է», ― Վորոբյանինովը ցնցվեց։ Նրա սիրուհու ձայնը նույնն էր, ինչ իննսունինը թվականին, փարիզյան ցուցահանդեսի բացման նախօրյակին։ Բայց սենյակ մտնելուց և կոպերը լույսից սեղմելուց հետո, Իպոլիտ Մատվեևիչը տեսավ, որ երբեմնի գեղեցկությունից հետք անգամ չի մնացել։

― Ինչպես փոխվե՜լ եք, ― ասաց նա ակամայից։

Պառավը փարվեց նրա վզին։

― Շնորհակալություն, ― ասաց նա, ― ես գիտեմ, թե ինչ ռիսկ եք արել ինձ մոտ գալով։ Դուք նույն մեծահոգի ասպետն եք մնացել։ Ես ձեզ չեմ հարցնում, թե ինչո՞ւ եք եկել Փարիզից։ Տեսնում եք, ես հետաքրքրասեր չեմ։

― Բայց ես ամենևին Փարիզից չեմ գալիս, ― շփոթված ասաց Վորոբյանինովը։

― Ես ու իմ կոլեգան ժամանել ենք Բեռլինից, ― ուղղեց Օստապը, սեղմելով Իպոլիտ Մատվեևիչի արմունկը, ― այդ մասին խորհուրդ չի տրվում բարձրաձայն ասել։

Ա՛հ, այնպես ուրախ եմ ձեզ տեսնելուս համար, ― ճչաց գուշակուհին։ ― Համեցեք այստեղ, այս սենյակը․․․ Իսկ դուք, Վիկտոր Միխայլովիչ, ներեցեք, միգուցե անցնեք մի կես ժամ հետո՞։

― Օ՜, նկատեց Օստապը։ ― Առաջին տեսակցությո՜ւն։ Դժվարին րոպենե՜ր։ Թույլ տվեք ինձ ևս հեռանալ։ Դուք թույլ կտա՞ք ձեզ հետ, սիրելի Վիկտոր Միխայլովիչ։

Փականակագործը ուրախությունից դողաց։ Երկուսով գնացին Պոլեսովի բնակարանը, որտեղ Օստապը, նստելով Պերելեշինյան նրբանցքի N 5 տան դարբասի բեկորների վրա, շվարած մոտորատեր միայնակ֊տնայնագործի առջև սկսեց զարգացնել ֆանտաստիկ գաղափարներ, որոնք հակում էին հայրենիքի փրկությանը։

Մի ժամ անց նրանք վերադարձան և ծերերին գտան միանգամայն թալկացած։

― Իսկ դուք հիշո՞ւմ եք, Ելենա Ստանիսլավովնա, ― ասում էր Իպոլիտ Մատվեևիչը։

― Իսկ դուք հիշո՞ւմ եք, Իպոլիտ Մատվեևիչ, ― ասում էր Ելենա Ստանիսլավովնան։

«Կարծես հասել է ընթրիքի հոգեբանական մոմենտը», ― անցավ Օստապի մտքով։ Եվ, ընդհատելով քաղաքային վարչության ընտրությունները վերհիշող Իպոլիտ Մատվեևիչին, ասաց․

― Բեռլինում մի շատ տարօրինակ սովորություն կա․ այնտեղ այնքան ուշ են ուտում, որ դժվար է հասկանալ՝ վաղ ընթրի՞ք է դա, թե ուշացած ճաշ։

Ելենա Ստանիսլավովնան սթափվեց, ճագարի հայացքը հեռացրեց Վորոբյանինովից և քարշ գալով գնաց խոհանոց։

― Իսկ հիմա գործե՛լ, գործե՛լ, և գործե՛լ, ― ասաց Օստապը, ձայնը ցածրացնելով լիակատար անլեգալության աստիճանի։

Նա բռնեց Պոլեսովի ձեռքը։

― Պառավը չի՞ խաբի։ Հուսալի՞ կին է։

Պոլեսովը ձեռքերը խաչեց կրծքին, ինչպես աղոթելիս։

― Ձեր քաղաքական դավանա՞նքը։

― Մի՛շտ, ― խանդավառ պատասխանեց Պոլեսովը։

― Դուք, հուսով եմ, կիրիլական եք։

― Ճի՛շտ այդպես։

Պոլեսովը լարի պես ձգվեց։

― Ռուսաստանը ձեզ չի՛ մոռանա, ― բղավեց Օստապը։

Իպոլիտ Մատվեևիչը, ձեռքին քաղցր կարկանդակ բռնած, տարակուսանքով լսում էր Օստապին, բայց նրան պահել չէր լինի։ Նա տրանսի մեջ էր։ Մեծ կոմբինատորը միջակից բարձր շանտաժից առաջ զգում էր ոգևորություն, արբեցուցիչ վիճակ։ Նա հովազի պես անց ու դարձ էր անում սենյակում։

Այդ գրգռված վիճակում գտավ նրան Ելենա Ստանիսլավովնան, որը խոհանոցից դժվարությամբ քարշ էր տալիս ինքնաեռը։ Օստապը քաղաքավարի կերպով նետվեց դեպի նա, վերցրեց ինքնաեռը և դրեց սեղանին։ Ինքնաեռը սուլեց։ Օստապը որոշեց գործել։

― Մադա՛մ, ― ասաց նա, ― մենք երջանիկ ենք հանձին ձեզ տեսնելու․․․

Նա չգիտեր, թե ումն է երջանիկ տեսնելու հանձին Ելենա Ստանիսլավովնայի։ Ստիպված էր նորից սկսել։ Ցարական ռեժիմի բոլոր փքուն դարձվածքներից գլխում պտտվում էր միայն մի ինչ֊որ «ողորմածաբար հաճեց հրամայել»։ Բայց դա տեղին չէր։ Ուստի և սկսեց գործնականորեն։

― Խի՛ատ գաղտնի։ Պետական գաղտնիք է։

Օստապը ձեռքով ցույց տվեց Վորոբյանինովին․

― Ո՞վ է, ձեր կարծիքով, այս հուժկու ծերուկը։ Մի ասեք, դուք այդ չեք կարող իմանալ։ Սա մտքի հսկա է, ռուսական դեմոկրատիայի հայրը և կայսեր մոտ կանգնած անձնավորություն։

Իպոլիտ Մատվեևիչը ոտքի ելավ իր պարթև հասակով և շփոթված նայեց շուրջը։ Նա ոչինչ չէր հասկանում, բայց փորձից գիտենալով, որ Օստապ Բենդերը երբեք զուր չի խոսում, լռեց։ Տեղի ունեցածը դող էր առաջացրել Պոլեսովի մեջ։ Նա կանգնել էր մորուքը առաստաղին ցցած, հանդիսավոր երթով անցնելու պատրաստ մարդու կեցվածքով։ Ելենա Ստանիսլավովնան նստեց աթոռին, ահուդողով Օստապին նայելով։

― Մերոնք քաղաքում շա՞տ են, ― հարցրեց Օստապը կարճ ու կտրուկ։ ― Ինչպիսի՞ն է տրամադրությունը։

― Բացակայության առկայության դեպքում․․․ ― ասաց Վիկտոր Միխայլովիչը և սկսեց խառնաշփոթ բացատրել իր գլխին եկածները։ Այստեղ կար և՛ N5 տան դռնապանը, իր մասին մեծ կարծիք ունեցող այդ գյադան, և՛ երեք ութերորդական դյույմի պլաշկան, և տրամվայը և նման բաներ։

― Լա՛վ, ― որոտաց Օստապը։ ― Ելենա Ստանիսլավովնա։ Ձեր օգնությամբ մենք ուզում ենք կապվել քաղաքի լավագույն մարդկանց հետ, որոնց չար ճակատագիրը ընդհատակ է քշել։ Ո՞ւմ կարելի է հրավիրել ձեզ մոտ։

― Ում կարելի է հրավիրե՞լ։ Գուցե Մաքսիմ Պետրովիչի՞ն իր կնոջ հետ։

― Առանց կնոջ, ― ուղղեց Օստապը, ― առանց կնոջ։ Դուք միակ հաճելի բացառությունն եք լինելու։ Էլ ո՞ւմ։

Քննարկմանը, որին գործուն մասնակցություն բերեց և Վիկտոր Միխայլովիչը, պարզվեց, որ կարելի է հրավիրել նույն Մաքսիմ Պետրովիչ Չարուշնիկովին՝ քաղաքային դումայի նախկին իրավասուին, իսկ այժմ հրաշալի կերպով սովաշխատողների շարքը դասվածին, «Բիստրոուպակի» տեր Դյադևին, Օդեսյան բուբլիկների «Մոսկովյան օղաբլիթ» արտելի նախագահ Կիսլյարսկուն և երկու անազգանուն, բայց միանգամայն հուսալի երիտասարդների։

― Այդ դեպքում խնդրում եմ հիմա ևեթ դրանց հրավիրել փոքրիկ խորհրդակցության։ Մեծագույն գաղտնապահությամբ։

Խոսեց Պոլեսովը։

― Ես կվազեմ Մաքսիմ Պետրովիչի մոտ, Նիկեշայի և Վլադյաի ետևից, իսկ դուք, Ելենա Ստանիսլավովնա նեղություն կրեք և անցեք «Բիստրոուպակ» և Կիսլյարսկու ետևից։

Պոլեսովը սլացավ։ Գուշակուհին ակնածանքով նայեց Իպոլիտ Մատվեևիչին և նույնպես գնաց։

― Սա ի՞նչ է նշանակում, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Սա նշանակում է, ― պատասխանեց Օստապը, ― որ դուք հետամնաց մարդ եք։

― Ինչո՞ւ։

― Որովհետև։ Ներեցեք տափակ հարցիս համար, որքա՞ն փող ունեք։

― Ի՞նչ փող։

― Ամեն տեսակի։ Ներառյալ արծաթն ու պղինձը։

― Երեսունհինգ ռուբլի։

― Եվ այդ փողերով պատրաստվում էիք ծածկե՞լ մեր ձեռնարկության բոլոր ծախսերը։

Իպոլիտ Մատվեևիչը լուռ էր։

― Ահա թե ինչ, թանկագին պատրոն։ Ինձ թվում է, որ դուք ինձ հասկանում եք։ Դուք ստիպված եք մի ժամով լինելու մտքի տիտան և կայսեր մոտ կանգնած անձնավորություն։

― Ինչո՞ւ։

― Որովհետև մեզ շրջանառու կապիտալ է պետք։ Վաղը իմ հարսանիքն է։ Ես մուրացկան չեմ։ Ես ուզում եմ այդ նշանակալից օրը քեֆ անել։

― Իսկ ինչ պիտի անեմ ես, ― տնքաց Իպոլիտ Մատվեևիչը։

― Դուք պետք է լռեք։ Երբեմն, ծանրակշիռ երևալու համար, այտերդ ուռցրեք։

― Բայց չէ որ դա․․․ խաբեություն է․․․

― Ո՞վ է ասում այդ։ Այդ ասում է կոմս Տոլստո՞յը։ Թե՞ Դարվինը։ Ո՛չ։ Ես դա լսում եմ մի մարդու շուրթերից, որը դեռ երեկ պատրաստվում էր գիշերը մտնել Գրիցացուևայի բնակարանը և գողանալ խեղճ այրու կահույքը։ Երկար֊բարակ մի մտածեք։ Լռեցե՛ք։ Եվ չմոռանաք այտերն ուռեցնել։

― Ի՞նչ հարկ կա վտանգավոր գործի մեջ մտնելու։ Չէ՞ որ կարող են մատնել։

― Դրա համար մի անհանգստանաք։ Ես վատ շանսերի ետևից ընկնող չեմ։ Գործն այնպես կտարվի, որ ոչ ոք ոչինչ չի հասկանա։ Եկեք թեյ խմենք։

Մինչ կոնցեսիոներները թեյ կխմեին և կուտեին, իսկ թութակը կչրթեր արևածաղկի կճեպները, բնակարան մտան հյուրերը։

Նիկոշան և Վլադյան եկան Պոլեսովի հետ։ Վիկտոր Միխայլովիչը չէր համարձակվում երիտասարդներին ներկայացնել մտքի հսկային։ Նրանք նստեցին անկյունում և սկսեցին հետևել, թե ինչպես ռուսական դեմոկրատիայի հայրը հորթի սառը միս է ուտում։ Նիկեշան և Վլդյան միանգամայն հասունացած դմբոներ էին։ Նրանցից յուրաքանչյուրը երեսունի մոտ կլիներ։ Ըստ երևույթին նրանց շատ էր դուր եկել այն, որ իրենց նիստի են հրավիրել։

Քաղաքային դումայի նախկին իրավասու Չարուշնիկովը, մի գեր ծերուկ, երկար ժամանակ թափահարում էր Իպոլիտ Մատվեևիչի ձեռքը և նայում նրա աչքերին։ Օստապի հսկողության տակ քաղաքի հին բնակիչներն սկսեցին հիշողություններ փոխանակել։ Նրանց մի կուշտ խոսելու հնարավորություն տալուց հետո, Օստապը դիմեց Չարուշնիկովին․

― Դուք ո՞ր գնդում էիք ծառայում։

Չարուշնիկովը փնչացրեց։

― Ես․․․ ես, այսպես ասած, ընդհանրապես չեմ ծառայել, որովհետև, օժտված լինելով հասարակության վստահությամբ, անցնում էի ընտրություններով։

― Դուք ազնվակա՞ն եք։

― Այո։ Եղել եմ։

― Հուսով եմ, որ դուք հիմա է՞լ նույնն եք մնացել։ Դիմացե՛ք։ Անհրաժեշտ կլինի ձեր օգնությունը։ Պոլեսովը ձեզ ասե՞լ է։ Արտասահմանը մեզ կօգնի։ Մնում է հասարակական կարծիքը։ Կազմակերպության լիակատար գաղտնապահություն։ Ուշադրությո՛ւն։

Օստապը Պոլեսովին քշեց Նիկեշայի և Վլադյայի մոտից և անկեղծ խստությամբ հարցրեց․

― Ո՞ր գնդում եք ծառայել։ Հարկ կլինի ծառայել հայրենիքին։ Դուք ազնվականնե՞ր եք։ Շատ լավ։ Արևմուտքը մեզ կօգնի։ Դիմացե՛ք։ Ավանդների, այսինքն կազմակերպության լիակատար գաղտնապահությո՛ւն։ Ուշադրությո՛ւն։

Օստապը ոգեևորվեց։ Գործն ասես կարգավորվում էր։ Նա մի կողմ տարավ Ելենա Ստանիսլավնովնայի ներկայացրած «Բիստրոուպակի» տիրոջը, առաջարկեց նրան դիմանալ, իմացավ՝ որ գնդումն է ծառայել և խոստացավ արտասահմանի օժանդակություն և կազմակերպության լիակատար գաղտնապահություն։ «Բիստրոուպակի» տիրոջ առաջին զգացած ցանկությունն էր, որքան հնարավոր է շուտ փախչել դավադրական այդ բնակարանից։ Նա իր ֆիրման բավականին պատկառելի էր համարում նման ռիսկոտ գործի մեջ մտնելու համար։ Բայց ոտքից գլուխ չափելով Օստապի ճարպիկ կերպարանքը, նա տատանվեց և սկսեց խորհել։ «Հանկարծ ու․․․ Ասենք, ամեն բան կախված է նրանից, թե ինչ համեմունքներով է մատուցվելու այդ ամենը»։

Մտերմական զրույցը թեյասեղանի շուրջը աշխուժացավ։ Հաղորդակից եղածները սրբորեն պահպանում էին գաղտնիքը և խոսում քաղաքային նորությունների մասին։

Վերջինը եկավ քաղաքացի Կիսլյարսկին, որը ազնվական չլինելով և գվարդիական գնդերում բնավ չծառայելով, Օստապի հետ կարճ խոսակցությունից հետո անմիջապես պարզեց իր համար իրերի դրությունը։

― Դիմացե՛ք, ― ասաց Օստապը խրատական ձևով։

― Կիսլյարսկին խոստացավ։

― Դուք, իբրև մասնավոր կապիտալի ներկայացուցիչ, չպետք է խուլ մնաք ժողովրդի հառաչանքների հանդեպ։

Կիսլյարսկին կարեկցանքով տխրեց։

― Դուք գիտե՞ք, թե ով է այդ նստածը, ― հարցրեց Օստապը, ցույց տալով Իպոլիտ Մատվեևիչին։

― Ինչպես չէ, ― պատասխանեց Կիսլյարսկին, ― դա պարոն Վորոբյանինովն է։

― Սա, ― ասաց Օստապը, ― մտքի հսկա է, ռուսական դեմոկրատիայի հայրը, կայսեր մոտ կանգնած անձնավորություն։

«Լավագույն դեպքում՝ երկու տարի մեկուսացումով, ― մտածեց Կիսլյարսկին, դողդողալ սկսելով։ ― Ինչո՞ւ եկա այստեղ»։

― Սրի և խոփի գաղտնի միություն, ― չարագուշակորեն շշնջաց Օստապը։

«Տասը տարի», ― անցավ Կիսլյարսկու մտքով։

― Ասենք, դուք կարող եք գնալ, բայց զգուշացնում եմ, մեր ձեռքերը երկար են։

«Ես քեզ ցույց կտամ, շուն շանորդի, ― մտածեց Օստապը։ ― Հարյուր ռուբլուց որ պակաս տաս, ես քեզ բաց թողնողը չեմ»։

Կիսլյարսկին դարձավ մարմարյա։ Դեռ այսօր նա այնպես հանգիստ ու համով ճաշում էր, ուտում էր հավի բդեր, բուլյոն և ոչինչ չգիտեր «սրի ու խոփի» սարսափելի միության մասին։ Նա մնաց․ «երկար ձեռքերը» տհաճ տպավորություն թողեցին նրա վրա։

― Քաղաքացինե՛ր, ― ասաց Օստապը, բացելով նիստը։ ― Կյանքն իր օրենքներն է թելադրում, իր դաժան օրենքները։ Ես չեմ ասի մեր ժողովի նպատակի մասին, այն ձեզ հայտնի է։ Սուրբ նպատակ է։ Ամեն տեղից մենք հառաչանքներ ենք լսում։ Մեր ընդարձակ երկրի բոլոր կողմերից օգնություն են աղերսում։ Մենք պետք է օգնության ձեռք մեկնենք և կմեկնենք։ Ձեզանից ոմանք ծառայում և հաց ու կարագ են ուտում, մյուսները զբաղվում են տարավայր զբաղմունքով և խավյարով բուտերբրոդ են ուտում։ Թե մեկը և թե մյուսները քնում են իրենց անկողիններում և ծածկվում են տաք վերմակներով։ Միայն փոքրիկ երեխաներն են, որ գտնվում են առանց խնամքի։ Այդ փողոցի ծաղիկները, կամ, ինչպես արտահայտվում են մտավոր աշխատանքի պրոլետարները, ասֆալտի ծաղիկները ավելի լավ բախտի են արժանի։ Մենք, պարոնայք երդվյալ ատենակալներ, պետք է օգնենք նրանց։ Եվ մենք, պարոնայք երդվյալ ատենակալներ, կօգնենք նրանց։

Մեծ կոմբինատորի ճառը տարբեր զգացմունքներ առաջացրեց ունկնդիրների մեջ։

Պոլեսովը չհասկացավ իր նոր ընկերոջը՝ երիտասարդ գվարդիականին։

«Ի՞նչ երեխաներ, ― մտածեց նա։ ― Ինչո՞ւ երեխաներ»։

Իպոլիտ Մատվեևիչը նույնիսկ չէր էլ աշխատում որևէ բան հասկանալ։ Նա վաղուց արդեն ձեռք էր քաշել ամեն ինչից և լուռ նստել էր, այտերը ուռցնելով։

Ելենա Ստաիսլավովնան տխրեց։

Նիկեշան և Վլադյան նվիրվածորեն նայում էին Օստապի երկնագույն ժիլետին։

«Բիստրոուպակի» տերը անասելի գոհ էր։

«Գեղեցիկ է կազմված, ― որոշեց նա, ― այդ սոուսի տակ փող էլ կարելի է տալ։ Հաջողության դեպքում՝ պատիվ։ Բան դուրս չեկավ՝ ես բանից բեխաբար եմ։ Օգնել եմ երեխաներին՝ և ուրիշ ոչինչ»։

Չարուշնիկովը նշանակալից հայացք փոխանակեց Դյադևի հետ և, լիովին գնահատելով զեկուցողի կոնսպիտատիվ ճարպկությունը, շարունակեց հացի գնդակներ գլորել սեղանի վրա։

Կիսլյարսկին յոթերորդ երկնքումն էր։

«Ոսկի գլուխ է», ― մտածում էր նա։ Նրան թվում էր, թե ինքը ոչ մի ժամանակ այդպես ուժգին չի սիրել անապաստան երեխաներին, ինչպես այդ երեկո։

― Ինկերնե՛ր, ― շարունակեց Օստապը։ ― Անհապաղ օգնություն է հարկավոր։ Մենք պետք է պոկենք երեխաներին փողոցի կառչուն ճանկերից, և մենք կպոկե՛նք նրանց։ Օգնե՛նք երեխաներին։ Հիշե՛նք, որ երեխաները կյանքի ծաղիկներն են։ Ես ձեզ հրավիրում եմ իսկույն ևեթ մուծումներ կատարել և օգնել երեխաներին, միայն երեխաներին և ուրիշ ոչ ոքի։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։

Օստապը կողքի գրպանից հանեց անդորագրերի գրքույկը։

― Խնդրում եմ մուծումներ կատարել։ Իպոլիտ Մատվեևիչը կհաստատի իմ լիազորությունները։

Իպոլիտ Մատվեևիչը փքվեց և գլուխը կախեց։ Այս դեպքում ոչ խելահաս Նիկեշան ու Վլադյան և դեսուդեն ընկնող փականակագործն անգամ հասկացան Օստապի այլաբանությունների գաղտնի էությունը։

― Ավագության կարգով, պարոնայք, ― ասաց Օստապը, ― կսկսենք հարգարժան Մաքսիմ Պետրովիչից։

Մաքսիմ Պետրովիչը տեղում շուռումուռ եկավ և զոռով մի երեսուն ռուբլի տվեց։

― Լավ օրեր գան՝ ավելին կտամ, ― հայտարարեց նա։

― Շուտով վրա կհասնեն լավ օրերը, ― ասաց Օստապը։ ― Ասենք դա չի վերաբերում անապաստան երեխաներին, որոնց ես ներկա մոմենտում ներկայացնում եմ։

Ութ ռուբլի տվեցին Նիկեշան և Վլադյան։

― Քիչ է, երիտասարդներ։

Երիտասարդները կարմրեցին։

Պոլեսովը վազեց տուն և բերեց հիսուն ռուբլի։

― Բրավո՛, հուսար, ― ասաց Օստապը։ ― Մոտորատեր միայնակ հուսարի համար առաջին անգամ այդքանն էլ բավական է։ Ի՞նչ կասի վաճառականությունը։

Դյադևն ու Կիսլյարսկին երկար֊բարակ սակարկեցին և տրտնջացին հավասարարական հարկերից։ Օստապն անդրդվելի էր։

― Իպոլիտ Մատվեևիչի ներկայությամբ այդ խոսակցություններն ավելորդ են։

Իպոլիտ Մատվեևիչը գլուխը կախեց։ Վաճառականները երեխաների օգտին նվիրաբերեցին երկու հարյուրական ռուբլի։

― Ընդամենը, ― բարձրաձայն հայտարարեց Օստապը, ― չորս հարյուր ուսունութ ռուբլի։ Է՜խ, տասներկու ռուբլի է պակասում կլոր հաշվի համար։

Ելենա Ստանիսլավովնան, որը երկար ժամանակ դիմանում էր, գնաց ննջարան և ռեդիկյուլով բերեց պահանջվող տասներկու ռուբլին։

Նիստի մնացած մասը սվաղվեց և պակաս հանդիսավոր բնույթ ուներ։ Ելենա Ստանիսլավովնան բոլորովին փափկեց։ Հյուրերը հետզհետե ցրվում էին, հարգալիր հրաժեշտ տալով կազմակերպիչներին։

― Հետևյալ նիստի մասին հատուկ ծանուցում կլինի, ― ասում էր Օստապը հրաժեշտ տալիս, ― խստագույն գաղտնապահություն։ Երեխաների օգնության գործը պետք է խիստ գաղտնի պահել․․․ Ի դեպ, դուք անձնապես շահագրգռված պետք է լինեք դրանում։

Այդ խոսքերի ժամանակ Կիսլյարսկու մոտ ցանկություն առաջացավ ևս հիսուն ռուբլի տալու և այլևս ոչ մի նիստի չգալու։ Նա հազիվ էր իրեն պահում այդ պոռթկումից։

― Դե, ― ասաց Օստապը, ― շարժվենք առաջ։ Դուք, Իպոլիտ Մատվեևիչ, հույս ունեմ կօգտվեք Ելենա Ստանիսլավովնայի հյուրընկալությունից և կգիշերեք նրա մոտ։ Ի դեպ, գաղտնապահության համար էլ մեզ օգտկար է առժամանակ բաժանվել։ Իսկ ես գնացի։

Իպոլիտ Մատվեևիչը հուսահատ աչքով էր անում Օստապին, բայց վերջինս չնկատելու տվեց և դուրս եկավ փողոց։

Մի թաղամաս անցնելուց հետո նա հիշեց, որ գրպանում ունի ազնվորեն վաստակած հինգ հարյուր ռուբլի։

― Կառապա՛ն, ― բղավեց նա։ ― Տա՛ր ինձ «Ֆենիկս»։

― Էդ կարելի է, ― ասաց կառապանը։

Նա առանց շտելու Օստապին հասցրեց մինչև փակ ռեստորանը։

― Սա ինչ բան է։ Փա՞կ է։

― Մայիսի մեկի պատճառով։

― Վա՛յ ես դրանց։ Որքան ասես փող կա, բայց քեֆ անելու տեղ չկա։ Դե քշի՛ր ուրեմն Պլեխանովի փողոցը։ Գիտե՞ս։

Օստապը որոշեց գնալ իր հարսնացուի մոտ։

― Իսկ առաջ ո՞նց էր կոչվում էդ փողոցը, ― հարցրեց կառապանը։

― Չգիտեմ։

― Բա ո՞ւր գնանք։ Ես էլ չգիտեմ։

Այնուհանդերձ Օստապը հրամայեց գնալ և որոնել։

Մեկ ու կես ժամի չափ նրանք պտտեցին ամայի քաղաքում, հարձուփորձ անելով գիշերային պահակներին և միլիցիոներներին։ Մի միլիցիոներ երկար տքնեց և վերջապես հաղորդեց, թե Պլեխանովի փողոցը կա֊չկա նախկին Գուբերնատորսկին է։

― Հա՜, Գուբերնատորսկին։ Ես Գուբերնատորսկին լավ գիտեմ։ Քսանհինգ տարի է մարդ եմ տանում Գուբերնատորսկի փողոցը։

― Դե, քշի՛ր, ուրեմն։

Եկան Գուբերնատորսկի, բայց պարզվեց, որ դա Պլեխանովի փողոցը չէ, այլ Կարլ Մարքսի։

Գազազած Օստապը վերսկսեց Պլեխանովի անվան կորած փողոցի որոնումները։ Բայց չգտավ։

Այգաբացը դալկորեն լուսավորեց հարուստ տառապյալի դեմքը, որն այնպես էլ չկարողացավ զվարճանալ։

― Տա՛ր ինձ «Սորբոն», ― բղավեց նա։ ― Ի՜նչ կառապան ես։ Պլեխանովին էլ չգիտես։

Այրի Գրիցացուևայի ապարանքը շողշողում էր։ Հարսանյաց սեղանի գլխին նստել էր մարյաժային թագավորը՝ տաճկահպատակի որդին։ Նա էլեգանտ էր ու հարբած։ Հյուրերը աղմկում էին։

Նորահարսն արդեն ջահել չէր։ Առնվազն երեսունհինգ տարեկան կլիներ։ Բնությունը առատորեն էր օժտել նրան։ Այստեղ ամեն ինչ կար․ ձմերկուկանման կուրծք, քիթը՝ կացնի գլուխ, նախշուն այտեր և հզոր ծոծրակ։ Նոր ամուսնուն նա պաշտում էր և շատ վախենում նրանից։ Ուստի և նրան կոչում էր ոչ թե անունով կամ հայրանունով, որն այնպես էլ մինչև վերջը չիմացավ, այլ ազգանունով՝ ընկեր Բենդեր։

Իպոլիտ Մատվեևիչը կրկին նստել էր նվիրական աթոռին։ Հարսանյաց ընթրիքի ողջ ժամանակամիջոցում նա ցատկոտում էր աթոռի վրա, որպեսզի կոշտություն զգա։ Երբեմն այդ հաջողվում էր նրան։ Այդ ժամանակ բոլոր ներկա եղողները դուր էին գալիս նրան և նա կատաղիորեն սկսում էր գոռալ՝ «գո՜րկո»։

Օստապը շարունակ ճառեր, բաժակաճառեր և ողջունաճառեր էր արտասանում։ Խմեցին ժողովրդական լուսավորության և Ուզբեկիստանի ոռոգման կենացը։ Դրանից հետո հյուրերն սկսեցին ցրվել։ Իպոլիտ Մատվեևիչը ոտքը կախ գցեց նախասրահում և շշնջաց Բենդերին․

― Ուրեմն չձգձգեք։ Նրանք այնտեղ են։

― Դուք շահամոլ եք, ― պատասխանեց հարբած Օստապը, ― սպասեցեք ինձ հյուրանոցում։ Ոչ մի տեղ չգնաք։ Ես ամեն րոպե կարող եմ գալ։ Վճարեցեք հյուրանոցի հաշիվները։ Որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի։ Ադյո, ֆելդմարշալ։ Բարի գիշեր ցանկացեք ինձ։

Իպոլիտ Մատվեևիչը ցանկացավ և գնաց «Սորբոն» հուզվելու։

Առավոտյան ժամը հինգին հայտնվեց Օստապը աթոռով։ Իպոլիտ Մատվեևիչը խիստ ազդվեց։ Օստապն աթոռը դրեց սենյակի մեջտեղը և նստեց վրան։

― Այդ ինչպե՞ս հաջողվեց ձեզ, ― ասաց, վերջապես, Վորոբյանինովը։

― Շատ հասարակ, ընտանեվարի։ Այրին քնել և երազ էր տեսնում։ Մեղք էր արթնացնել։ «Արշալույսին մի արթնացրու դու նրան»։ Ավա՜ղ։ Ստիպված եղա սիրածիս երկտող թողնել․ «Զեկուցումով մեկնում եմ Նովոխոպերսկ։ Ճաշին մի սպասի։ Քո Ալվըլիկ»։ Իսկ աթոռը չանթեցի ճաշասենյակից։ Առավոտվա այս ժամերին տրամվայ չի լինում ― ճանապարհին հանգստանում էի աթոռի վրա։

Իպոլիտ Մատվեևիչը գռմռոցով նետվեց դեպի աթոռը։

― Կամաց, ― ասաց Օստապը, ― պետք է գործել անաղմուկ։

Նա գրպանից հանեց տափակբերան աքցանը և աշխատանքը եռաց․

― Դուք դուռը փակեցի՞ք, ― հարցրեց Օստապը։

Դեն հրելով անհամբեր Վորոբյանինովին, Օստապը խնամքով բացեց աթոռը, ջանալով չփչացնել անգլիական ծաղկավոր չիթը։

― Այսպիսի կտոր հիմա չկա, սա պետք է պահպանել։ Ապրանքի սով է, ինչ արած։

Այդ ամենը խիստ ջղայնացրեց Իպոլիտ Մատվեևիչին։

― Պատրաստ է, ― կամացուկ ասաց Օստապը։

Նա փոքր֊ինչ բարձրացրեց ծածկույթը և երկու ձեռքով սկսեց որոնել զսպանակների արանքում։ Ճակատի վրա նշմարվեց արյունատար երակը։

― Դե՞, ― կրկնում էր Իպոլիտ Մատվեևիչը տարբեր երանգներով․ ― դե՞մ դե՞։

― Դե և դե, ― պատասխանում էր Օստապը գրգռված, ― մեկ շանս տասնմեկի դիմաց։ Եվ այդ շանսը․․․

Նա մի լավ պրտեց աթոռի ներսը և վերջացրեց․

― Եվ այդ շանսը առայժմ մերը չէ։

Նա ոտքի ելավ ամբողջ հասակով մեկ և սկսեց մաքրել ծնկները։ Իպոլիտ Մատվեևիչը նետվեց դեպի աթոռը։

Ադամանդները չկային։ Իպոլիտ Մատվեևիչի թևերը թուլացան ու կախվեցին։ Բայց Օստապը առաջվա պես կայտառ էր։

― Այժմ մեր շանսերն ավելացան։

Նա անցուդարձ էր անում սենյակում։

― Ոչինչ։ Այս աթոռը այրու վրա ավելի թանկ նստեց, քան մեզ վրա։

Օստապը կողքի գրպանից հանեց մի ոսկե բրոշկա՝ ապակու կտորներով, ոսկյա ուռուցիկ ապարանջան, կես դյուժին ոսկեջրած գդալներ և թեյքամիչ։

Իպոլիտ Մատվեևիչը վշտից նույնիսկ գլխի չընկավ, որ ինքը սովորական գողության մասնակից է դարձել։

― Գռեհիկ բան է, ― նկատեց Օստապը, ― բայց համաձայնեք, որ ես չէի կարող լքել իմ սիրած կնոջը, ոչ մի հիշողություն չվերցնելով նրանից։ Սակայն չարժե ժամանակ կորցնել։ Սա դեռ սկիզբն է միայն։ Վերջը Մոսկվայում է։ Իսկ կահույքի թանգարանը ― դա քեզ համար այրի չէ, այնտեղ ավելի դժվար կլինի։

Ընկերակիցները աթոռի կտորտանքները ճխտեցին մահճակալի տակ և, փողերը հաշվելուց հետո (երեխաների օգտին տրված նվիրաբերությունների հետ միասին դուրս եկավ հինգ հարյուր երեսունհինգ ռուբլի), գնացին կայարան՝ Մոսկվայի գնացքին հասցնելու։

Ստիպված էին ամբողջ քաղաքի միջով անցնել կառք նստած։

Կոոպերատիվային փողոցում նրանք տեսան Պոլեսովին, որը մայթով վազում էր խրտնած քարայծի պես։ Նրա ետևից ընկել էր Պերելեշինյան նրբանցի N 5 տան դռնապանը։ Թեքվելով անկյունը, կոնցեսիոներները կարողացան տեսնել, որ դռնապանը հասավ Վիկտոր Միխայլովիչին և սկսեց դնգսել նրան։ Պոլեսովը բղավում էր «հավա՜ր», և «գյադա՜»։

Մինչև գնացքի մեկնելը նստեցին զուգարանում, վախենալով հանդիպել սիրած կնոջը։

Գնացքը բարեկամներին տանում էր դեպի աղմկոտ կենտրոն։ Բարեկամները կպել էին պատուհանից։

Վագոններ սլանում էին Գուսիշչևի վրայով։

Հանկարծ Օստապը գոռաց և բռնեց Վորոբայնինովի բիցեպսից։

― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― բղավեց նա։ ― Շո՛ւտ։ Ալխենը, շուն շանորդին․․․

Իպոլիտ Մատվեևիչը նայեց ներքև։ Հողաթմբի տակով պնդակազմ ու բեղավոր մի կտրիճ քարշ էր տալիս մի ձեռնասայլակ՝ բեռնված շիկավուն ֆիսհարմոնիայով և պատուհանի հինգ շրջանակներով։ Ձեռնասայլակը հրում էր ամոթխած դեմքով և մկնագույն տոլստովկայով մի քաղաքացի։

Արևը դուրս եկավ ամպի տակից։ Շողշողում էին եկեղեցիների խաչերը։

Օստապը քրքջալով, գլուխը դուրս հանեց պատուհանից և բղավեց․

― Պա՛շկա։ Սև շուկա՞ ես գնում։

Պաշա Էմիլևիչը բարձրացրեց գլուխը, բայց տեսավ միայն վերջին վագոնի բուֆերները և սկսեց ավելի ուժեղ աշխատել ոտքերով։

― Տեսա՞ք, ― ուրախ֊ուրախ հարցրեց Օստապը։ ― Լազա՜թ։ Ա՜յ աշխատում են մարդիկ։

Օստապը թփթփացրեց տխրադեմ Վորոբյանինովի մեջքին։

― Ոչի՛նչ, պապաշա։ Մի՛ վհատվեք։ Նիստը շարունակվում է։ Վաղը երեկոյան մենք Մոսկվայումն ենք։

Աթոռների օվկիանոսում

Վիճակագրությունը ամեն բան գիտե։

Ստույգ հաշվի է առնված ՍՍՌՄ֊ի վարելահողի քանակը՝ սևահողի, կավահողի և լյոսահողի ստորաբաժանումներով։ Բոլոր երկսեռ քաղաքացիները խնամքով գրանցված են այն հաստ գրքերում, որոնք այնպես քաջածանոթ են Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին՝ զագսի գրքերում։ Հայտնի է, թե տարվա մեջ որքան և ինչ կերակուր է ուտում ռեսպուբլիկայի միջին քաղաքացին։ Հայտնի է, թե այդ միջին քաղաքացին միջին հաշվով որքան օդի է խմում, մոտավորապես ցույց տալով նաև հետը կերածի քանակը։ Հայտնի է, թե երկրում որքան որսորդներ, պարուհիներ, ատրճանակի հաստոցներ, ամեն ցեղի շներ, հեծանիվներ, հուշարձաններ, աղջիկներ, փարոսներ և կարի մեքենաներ կան։

Որքա՜ն շատ կյանքեր, ավյունով, կրքերով և մտքերով լեցուն կյանքեր են նայում մեզ վիճակագրական աղյուսակներից։

Ո՞վ է այս կարմրաթուշ անհատը, որ անձեռնոցիկը կրծքին կապած նստել է սեղանի մոտ և ախորժակով ոչնչացնում է գոլորշի արձակող կերակուրը։ Նրա շուրջը փռված են մանր ցուլերի նախիրներ։ Պարարտ խոզերը խռնվել են աղյուսակի մի անկյունում։ Վիճակագրական հատուկ ավազանի մեջ լող են տալիս անթիվ և անհամար ձկներ՝ թառափներ, շերեփաձկներ և տառեխներ։ Անհատի ուսերին, ձեռքերին և գլխի վրա հավեր են նստել։ Փետրանման ամպերի մեջ թռչում են ընտանի սագեր, բադեր և հնդուհավեր։ Սեղանի տակ թաքնվել են երկու ճագարներ։ Հորիզոնի վրա բարձրանում են թխած հացի բուրգեր և բաբելոններ։ Մուրաբաներից շինած մի փոքրիկ բերդ ողողվում է կաթի գետով։ Պիզայի աշտարակի մեծության մի վարունգ կանգնած է հորիզոնում։ Աղի, տաքդեղի բերդապատնեշների ետևում վաշտ առ վաշտ մարշի են ելել գինիները, օղիներն ու թրմօղիները։ Արյերգարդում խղճուկ խմբերով քարշ են գալիս անալկոհոլ խմիչքները․ ապաշար նարզանները, լիմոնադներն ու լարացանցերով սիֆոնները։

Ո՞վ է ուրեմն այդ կարմրաթուշ անհատը․ շատակե՞ր է, հարբեցող ու բկլի՞կ։ Գարգանտյուա՞ է, դիպսոդների թագավո՞ր։ Սիլավ Ֆո՞ս։ Առասպելական զինվոր Կարմրաբլուզ Յա՞շկա։ Լուկուլլո՞ս։

Սա Լուկուլլոսը չէ։ Սա Իվան Իվանովիչ Սիդորովն է կամ Սիդոր Սիդորովիչ Իվանովը, միջին քաղաքացին, որն իր կյանքի ընթացքում միջին հաշվով ուտում է աղյուսակի վրա պատկերած բոլոր ուտելեղենները։ Սա կալորիաների և վիտամինների նորմալ սպառող է, քառասուն տարեկան սուսուփուս մի ամուրի, որ ծառայում է գալանտերեայի և տրիկոտաժի պետական խանությում։

Վիճակագրությունից ոչ մի տեղ թաքնվել չի լինի։ Նա ճիշտ տեղեկություններ ունի ոչ միայն ատամնաբույժների, երշիկարանների, սրսկիչների, դռնապանների, կինոռեժիսյորների, պոռնիկների, ծղոտե կտուրների, այրիների, կառապանների և զանգերի քանակի մասին, այլև գիտե անգամ, թե երկրում որքան վիճակագիրներ կան։

Միայն մի բան չգիտե նա։

Չգիտե, թե ՍՍՌՄ֊ում որքան աթոռ կա։

Աթոռներ շատ կան։

Վիճակագրական վերջին մարդահամարը միութենական ռեսպուբլիկաների բնակչության թիվը սահմանեց հարյուր քառասուներեք միլիոն մարդ։ Եթե դեն նետելու լինենք իննսուն միլիոն գյուղացիների, որոնք աթոռների փոխարեն նախապատվություն են տալիս թախտերին, երկար նստարաններին, հողաթախտերին, իսկ Արևելքում՝ մաշված գորգերին, ջեջիմներին, այնուամենայնիվ կմնա հիսուն միլիոն մարդ, որոնց տնային առօրյա կենցաղում աթոռները առաջին անհրաժեշտության առարկաներ են հանդիսանում։ Եթե նկատի առնելու լինենք հաշվումների մեջ թույլ տված սխալները և Միության որոշ քաղաքացիների՝ երկու աթոռների արանքում նստելու սովորությունը, ապա ընդհանուր գումարը համենայն դեպս երկու անգամ կրճատելով, կգտնենք, որ երկրում պետք է լինի քսանվեց ու կես միլիոնից ոչ պակաս աթոռ։ Ճշտության խաթեր հրաժարվենք նաև վեց ու կես միլիոնից։ Մնացած քսան միլիոնը նվազագույն թիվը կլինի։

Կաղնուց, ընկույզից, թխկենուց, հացենուց, կարմիր փայտից և կարելական կեչուց շինված այդ աթոռների օվկիանոսի մեջ, եղևնյա և սոճենու աթոռների մեջ մեր վեպի հերոսները գտնելու են ընկույզե հաբսյան մի աթոռ՝ ճկած ոտքերով, որն անգլիական չթով պատած իր փորի մեջ թաքցնում է մադամ Պետուխովայի գանձերը։

Կոնցեսիոներները պառկել էին վերևի թարեքին և դեռ քնած էին, երբ գնացքը զգուշորեն անցավ Օկան և, ընթացքն արագացնելով, սկսեց մոտենալ Մոսկվային։

Վանական Բերտոլդ Շվարցի անվան հանրակացարանը

Իպոլիտ Մատվեևիչը և Օստապը, իրար նեղելով, կանգնել էին մի կոշտ վագոնի բաց պատուհանի առջև և ուշադիր նայում էին հողաթմբից դանդաղորեն վայր իջնող կովերին, փշատերև անտառին, ամառանոցային տախտակյա կառամատույցներին։

Ճանապարհային բոլոր անեկդոտներն արդեն պատմել վերջացրել էին։ Երեքշաբթի օրվա «Ստարգորոդյան պրավդան» կարդացվել էր մինչև հայտարարությունները և ծածկվել յուղի բծերով։ Բոլոր ճտերը, ձվերը և ձիթապտուղները կերվել էին։

Մնացել էր ամենատանջալից ուղեմասը՝ Մոսկվա հասնելու վերջին ժամը։

Ցանցառ անտառներից և պուրակներից թմբի վրա էին ցատկում զվարթ ամառանոցներ։ Նրանց մեջ կային փայտյա պալատներ, որոնք փայլում էին վերանդաների ապակիներով և նոր ներկած երկաթյա կտուրներով։ Կային և փայտյա հասարակ շինություններ՝ պստլիկ քառակուսի լուսամուտներով, իսկական ծուղակներ հովեկների համար։

Այն պահին, երբ ուղևորները գիտակների տեսք ընդունած դիտում էին հորիզոնը և, խեղաթյուրելով մտքում պահպանված Կալկայի ճակատամարտի հիշողությունները, միմյանց պատմում էին Մոսկվայի անցյալի և ներկայի մասին, Իպոլիտ Մատվեևիչը համառորեն ջանում էր պատկերացնել իրեն կահույքի թանգարանը։ Թանգարանը պատկերանում էր նրա բազմավերստ միջանցքի ձևով, որի պատերի երկարությամբ ցանկաշարով կանգնել էին աթոռները։ Վորոբյանինովը ինքն իրեն տեսնում էր նրանց արանքով արագորեն քայլելիս։

― Թե ինչպես կլինի թանգարանի բանը, հայտնի չէ։ Գլուխ կգա՞, ― անհանգիստ հարցնում էր նա։

― Ժամանակն է, պարագլուխ, որ դուք բուժվեք էլեկտրականությամբ։ Ժամանակից շուտ հիստերիկաներ մի սարքեք։ Եթե չեք կարող ապրումներ չունենալ, ապա ունեցեք լուռումունջ։

Գնացքը ցատկոտում էր սլաքների վրայով։ Նրան տեսնելուն պես, սեմաֆորները բացում էին բերանները։ Գծերը շատանում էին։ Զգացվում էր երկաթուղային մեծ հանգույցի մոտիկությունը։ Կանաչը չքացավ, նրան փոխարինեց մետաղախարամը։ Սուլում էին մանևրող շոգեքարշերը։ Սլաքավարները շեփորում էին։ Դղրդոցը հանկարծակի ուժեղացավ։ Գնացքը գլորվելով մտավ դատարկ գնացքակազմերի միջանցը և, տուրնիկետի պես չխկացնելով, սկսեց հաշվել վագոնները։

Ուղիները երկատվում էին։

Գնացքը դուրս պրծավ միջանցքից։ Արևը խփեց։ Ցածում, հենց գետնի վրայով փախչում էին կացինների նմանվող սլաքավարի լապտերները։ Թանձր ծուխ էր բարձրանում։ Շոգեքարշը, փնչացնելով, բաց թողեց ձյունասպիտակ քուլաներ։ Շուռ տալու շրջագծի վրա աղմուկ էր տիրում։ Դեպոյականները շոգեքարշը քշում էին փարախ։

Ուժեղ արգելակումից ճարճատեցին գնացքի հոդերը։ Ամեն ինչ վնգվնգում էր, և Իպոլիտ Մատվեևիչին թվաց, թե ինքն ընկել է ատամնացավի թագավորությունը։ Գնացքը մոտեցավ ասֆալտե կառամատույցին։

Դա Մոսկվան էր։ Դա Ռյազանի կայարանն էր՝ մոսկովյան կայարաններից ամենաթարմ, ամենանոր կայարանը։

Մոսկվայի մնացած ութ կայարաններից ոչ մեկում չկան այնպիսի ընդարձակ և բարձր շենքեր, ինչպես Ռյազանի կայարանում է։ Յարոսլավլյան ողջ կայարանը, իր կեղծ ռուսական կատարներով և հերալդիկ հավիկներով, հեշտությամբ կարող էր տեղավորել Ռյազանի կայարանի մեծ բուֆետ֊ռեստորանում։

Մոսկվայի կայարանները քաղաքի դարպասներն են։ Նրանք ամեն օր ընդունում և բաց են թողնում շուրջ երեսուն հազար ուղևորներ։ Ալեքսանդրյան կայարանի միջով Մոսկվա է մտնում օտարերկրացին՝ կաուչուկե ներբաններով, գոլֆի կոստյումով (շալվար և բրդե հաստ գուլպաներ դրսից)։ Կուրսկի կայարանից Մոսկվա է ընկնում օդափոխիչ ծակեր ունեցող ոչխարե մորթու սրճագույն փափախով կովկասցին և կանեփաթելի վերնաշապիկով հաղթանդամ վոլգարը։ Հոկտեմբերյանից դուրս է պրծնում կիսապատասխանատու աշխատակիցը՝ խոզի կաշվե հիանալի պորտֆելով։ Նա եկել է Լենինգրադից համաձայնեցնելու, շաղկապելու և կոնկրետ ընդգրկելու գործերով։ Կիևի և Օդեսայի ներկայացուցիչները մայրաքաղաք են թափանցում Բրյանսկ կայարանի միջով։ Դեռ Տիխոնովա պուստին կայարանից կիևցիներն սկսում են արհամարհանքով ժպտալ։ Նրանց քաջ հայտնի է, որ Կրեշչատիկը ամենալավ փողոցն է երկրի երեսին։ Օդեսացիներն իրենց հետ քարշ են տալիս զամբյուղներ և ապխտած սկումբրիաներով լի տափակ տուփեր։ Նրանց նույնպես հայտնի է երկրագնդի ամենալավ փողոցը։ Բայց դա, իհարկե, Կրեշչատիկը չէ, այլ Լասսալի, նախկին Դերիբասյան փողոցն է։ Սարատովից, Ակտարսկից, Տամբովից, Ռտիշչևից և Կոզլովից Մոսկվա են ժամանում Պավելեցկու կայարանից։ Ամենաչնչին քանակությամբ մարդիկ Մոսկվա են գալիս Սավելովյան կայարանից։ Դրանք Տալդոմից եկող մաշակարերն են, Դմիտրով քաղաքի բնակիչներ, Յախրոմի մանուֆակտուրայի բանվորներ կամ տխուր մի հովեկ, որ ամառ֊ձմեռ ապրում է Խլեբնիկովո կայարանում։ Այստեղ Մոսկվա գալը երկար չի տևում։ Այդ գծի ամենաերկար տարածությունը հարյուր հիսուն վերստ է։ Յարոսլավյան կայարանից մայրաքաղաք են ընկնում մարդիկ, որոնք գալիս են Վլադիվոստոկից, Խաբարովսկից, Չիտայից, հեռավոր ու խոշոր քաղաքներից։

Բայց և այնպես ամենատարօրինակ ուղևորները Ռյազանի կայարանումն են լինում։ Դրանք սպիտակ մարմաշե չալմաներով և ծաղկավոր խալաթներով ուզբեկներ են, կարմրամորուս տաջիկներ, թուրքմեններ, խիվացիներ ու բուխարացիներ, որոնց ռեսպուբլիկաների վրա հավետ շողշողում է արևը։

Կոնցեսիոներները դժվարությամբ մոտեցան ելքին և հայտնվեցին Կալանչևյան հրապարակում։ Նրանցից աջ բարձրանում էին Յարոսլավլյան կայարանի հերալդիկ հավիկները։ Ուղիղ նրանց դիմաց աղոտ փայլում էր երկու գույնի յուղաներկով ներկած Հոկտեմբերյան կայարանը։ Նրա վրայի ժամացույցը ցույց էր տալիս տասն անց հինգ րոպե։ Յարոսլավլյան կայարանի ժամացույցով՝ ուղիղ տասն էր։ Իսկ եթե ուղևորը նայելու լիներ Ռյազանի կայարանի ժամացույցի Կենդանակերպի նշաններով զարդարված թվացույցին, ապա կնկատեր, որ սլաքները ցույց են տալիս տասից պակաս հինգ րոպե։

Շատ հարմար է ժամադրության համար, ― ասաց Օստապը։ ― Միշտ տասը րոպեի ֆորա կա։

Կառապանը շրթունքներով համբույրի ձայն արձակեց։ Անցան կամրջի տակով, և ճամփորդների առջև բացվեց մայրաքաղաքի հոյակապ համայնապատկերը։

― Սակայն, ո՞ւր ենք գնում, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Լավ մարդկանց մոտ, ― պատասխանեց Օստապը, ― Մոսկվայում շատ են դրանք։ Ու բոլորն էլ իմ ծանոթներն են։

― Եվ մենք նրանց մո՞տ ենք իջևանելու։

― Դա հանրակացարան է։ Մեկի մոտ չեղավ, մյուսի մոտ միշտ տեղ կճարվի։

Օխոտնի ռյադում մեծ իրարանցում էր։ Տեփուրները գլխներին դրած, սագերի պես ցաքուցրիվ փախչում էին անպատենտ մանրավաճառները։ Նրանց ետևից ծուլորեն սնգսնգոցով վազում էր միլիցիոները։ Անապաստանները նստել էին ասֆալտի չանի կողքին և հաճույքով շնչում էին եռացող խեժի հոտը։

Դուրս ելան Արբատի հրապարակը, անցան Պրեչիստենսկու բուլվարով և, աջ թեքվելով, կանգ առան Սիվցև֊Վրաժկայում։

― Ի՞նչ տուն է սա, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

Օստապը նայեց կիսվերնահարկով վարդագույն տնակին և պատասխանեց․

― Քիմիկոս ուսանողների հանրակացարան՝ վանական Բերտոլդ Շվարցի անվան։

― Մի՞թե վանականի։

― Չէ, կատակ եմ անում, Սեմաշկոյի անվան։

Ինչպես վայել է Մոսկվայի ուսանողական շարքային հանրակացարանին, քիմիկոս ուսանողների տունը վաղուց արդեն բնակեցված էր մարդկանցով, որոնք շատ հեռավոր առնչություն ունեին քիմիայի հետ։ Ուսանողները դես ու դեն էին ցրվել։ Նրանց մի մասը ավարտել էր դասընթացը և մեկնել նշանակված վայրը, մյուս մասը հեռացվել էր ակադեմիական անհաջողության համար։ Հենց այդ մասը, տարեցտարի աճելով, վարդագույն տնակում գոյացրել էր միջին մի բան՝ բնակընկերության և ֆեոդալական ավանի միջև։ Ուսանողության նորանոր շարքերը հանրակացարան ներխուժելու ապարդյուն փորձեր էին անում։ Էքս֊քիմիկոսները անասելի հնարամիտներ էին և ետ էին մղում բոլոր գրոհները։ Տնակից ձեռք քաշեցին։ Նա դարձավ վայրի և անհետացավ Մոսկվայի անշարժ գույքի վարչության բոլոր պլաններից։ Ասես իսկի չէր էլ եղել։ Մինչդեռ նա կար, և այնտեղ ապրում էին մարդիկ։

Կոնցեսիոներները սանդուղքով բարձրացան երկրորդ հարկ և թեքվեցին բոլորովին մութ միջանցքը։

― Լույս և օդ, ― ասաց Օստապը։

Հանկարծ, մթության մեջ, Իպոլիտ Մատվեևիչի հենց արմունկի տակ, մեկը սկսեց ֆսֆսացնել։

― Մի վախեցեք, ― ասաց Օստապը, ― սա միջանցքում չէ։ Սա պատի ետևումն է։ Ֆաներան, ինչպես հայտնի է ֆիզիկայից, ձայնի լավ հաղորդիչ է։ Զգո՛ւյշ։ Բռնեք ինձանից։ Այս մոտերքը ինչ֊որ տեղ անկիզելի պահարան է լինելու։

Ճիչը, որն անմիջապես արձակեց Վորոբյանինովը՝ կրծքով երկաթյա սուր մի անկյան դիպչելով, ցույց տվեց, որ անկիզելի պահարանը իրոք որ մոտերքում ինչ֊որ տեղ էր։

― Ինչ է, ցավե՞ց, ― տեղեկացավ Օստապը։ ― Դա դեռ ոչինչ։ Դրանք ֆիզիկական տանջանքներ են։ Բայց որքա՜ն բարոյական տանջանքներ են եղել այստեղ՝ սոսկալի է հիշել։ Հրես այստեղ դրված էր մի կմախք, ուսանող Իվանոպուլոյի սեփականությունը։ Նա գնել էր Սուխարևկայում, բայց վախենում էր պահել սենյակում։ Այնպես որ այցելուները նախ դիպչում էին դրամարկղին, իսկ հետո նրանց վրա էր ընկնում կմախքը։ Հղի կանայք շատ դժգոհ էին։

Կոմպանյոնները պտուտակաձև սանդուղքով բարձրացան կիսավերնահարկը։ Այդ հարկի մեծ սենյակը ֆաներե միջնորմներով կտրատված էր երկարավուն կտորների, յուրաքանչյուրը երկու արշին լայնությամբ։ Սենյակները նման էին գրչամանների, այն տարբերությամբ միայն, որ բացի մատիտներից ու գրչակոթերից, այստեղ կային մարդիկ և պրիմուսներ։

― Տա՞նն ես Կոլյա, ― կամացուկ հարցրեց Օստապը, կանգ առնելով կենտրոնական դռան մոտ։

Դրան ի պատասխան բոլոր գրչամաններում իրար անցան և աղմկել սկսեցին․

― Տանն եմ, ― պատասխանեցին դռան ետևից։

― Էդ ախմախի մոտ էլի առավոտ կանուխ հյուր է եկել, ― շշնջաց կանացի մի ձայն ձախ կողմի վերջին գրչամանից։

― Թողեք մարդ քնի էլի, ― վրա բերեց N 2 գրչամանը։

Երրորդ գրչամանում ուրախ֊ուրախ ֆշշացրին․

― Կոլկայի մոտ են եկել միլիցիայից։ Երեկվա ապակու համար։

Հինգերորդ գրչամանում լուռ էին։ Այնտեղ պրիմուս էր վրնջում և համբուրվում էին։

Օստապը ոտքով հրեց դուռը։ Ֆաներային ողջ կառուցվածքը ցնցվեց, և կոնցեսիոներները խցկվեցին Կոլկայի ճեղքի մեջ։ Սարսափելի էր արտաքուստ անմեղ թվացող այն տեսարանը, որ բացվեց Օստապի աչքերի առջև։ Սենյակում կահույքից միայն կարմրաշերտ մի ներքնակ կար, որ դրված էր չորս աղյուսների վրա։ Բայց դա չէր, որ անհանգստացնում էր Օստապին։ Կոլկայի կահույքը վաղուց հայտնի էր իրեն։ Չզարմացրեց նրան և ինքը՝ Կոլկան, որ ոտքերով նստել էր ներքնակի վրա։ Բայց կողքին նստած էր այնպիսի մի երկնային էակ, որ Օստապը իսկույն մռայլվեց։ Այդօրինակ աղջիկները երբեք գործնական ծանոթներ չեն լինում ― դրա համար նրանք շատ երկնագույն աչքեր ունեն և մաքուր պարանոց։ Դրանք սիրուհիներ են, կամ, ավելի վատ, կին են դրանք և սիրած կին։ Եվ իրոք, Կոլկան այդ էակին անվանում էր Լիզա, «դու»֊ով էր խոսում հետը և կոտոշներ էր ցույց տալիս նրան։

Իպոլիտ Մատվեևիչը հանեց իր կաստորե շլյապան։ Օստապը Կոլյային կանչեց միջանցք։ Նրանք այնտեղ երկար ժամանակ փսփսում էին

― Հիանալի առավոտ է, տիրուհի, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։

Կապտաչ տիրուհին ծիծաղեց և, առանց որևէ կապի Իպոլիտ Մատվեևիչի արած դիտողության հետ, խոսեց այն մասին, թե ինչ տխմարներ են ապրում հարևան գրչամանում։

― Նրանք դիտմամբ պրիմուս են վառում, որպեսզի չլսվի, թե ինչպես են համբուրվում։ Բայց հասկացեք, ախր հիմարություն է դա։ Մենք ամեն բան լսում ենք։ Այ, իրենք իսկապես որ ոչինչ չեն լսում իրենց պրիմուսի պատճառով։ Կամենում եք, հիմա ցույց տամ ձեզ։ Լսեցե՛ք։

Եվ Կոլյայի կինը, որ հասկացել էր պրիմուսի բոլոր գաղտնիքները, բարձրաձայն ասաց․

― Զվերևները հիմարներ են։

Պատի ետևում լսվում էր պրիմուսի դժոխային երգը և համբույրի ձայներ։

― Տեսնո՞ւմ եք։ Նրանք ոչինչ չեն լսում։ Զվերևները հիմարներ են, տխմարներ և պսիխոպաթներ։ Տեսնո՞ւմ եք․․․

― Այո, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։

― Իսկ մենք պրիմուս չենք պահում։ Ինչո՞ւ։ Մենք ճաշելու ենք գնում վեգետարյան ճաշարանը, թեև ես դեմ եմ վեգետարյան ճաշերին։ Բայց երբ մենք Կոլյայի հետ ամուսնացանք, նա երազում էր, թե ինչպես մենք միասին գնալու ենք վեգետարյան ճաշարանը։ Եվ ահա մենք գնում ենք։ Ես միս շատ եմ սիրում։ Իսկ այնտեղ կոտլետ են տալիս լապշայից։ Միայն թե, խնդրում եմ, դուք Կոլյային ոչինչ մի ասեք․․․

Այդ պահին Կոլյան և Օստապը վերադարձան։

― Է՛հ, ինչ արած, եթե քեզ մոտ բոլորովին իջևանելու տեղ չկա, մենք կգնանք Պանտելեյի մոտ։

― Ճիշտ է, տղերք, ― բղավեց Կոլյան։ ― Գնացեք Իվանոպուլոյի մոտ։ Նա մեր տղաներից է։

― Մեզ մոտ հյուր եկեք, ― ասաց Կոլյայի կինը, ― մենք շատ գոհ կլինենք։

― Էլի հյուր են կանչում, ― վրդովվում էին ծայրի գրչամանում։ ― Կարծես քիչ հյուրեր ունեն։

― Իսկ դուք հիմարներ եք, տխմարներ և պսիխոպաթներ, ձեր գործը չէ, ― ասաց Կոլյայի կինը ձայնը չբարձրացնելով։

― Դու լսում ես, Իվան Անդրեևիչ, ― հուզվեցին ծայրի գրչամանում, ― քո կնոջը վիրավորում են, իսկ դու լռում ես։

Մյուս գրչամաններից ևս իրենց ձայնը բարձրացրին անտեսանելի մեկնաբաններ։ Լեզվակռիվը ծավալվում էր։ Կոմպանյոնները իջան ներքև, Իվանոպուլոյի մոտ։

Ուսանողը տանը չէր։ Իպոլիտ Մատվեևիչը վառեց լուցկին։ Դռան վրա մի գրություն էր փակցված՝ «Կգամ 9֊ից ոչ շուտ։ Պանտելեյ»։

― Փույթ չէ, ― ասաց Օստապը, ― ես գիտեմ որտեղ է բանալին։

Ուսանող Իվանոպուլոյի սենյակը ճիշտ նույն չափի էր, ինչ Կոլյայինը, բայց անկյունային էր։ Նրա մի պատը քարից էր, որով ուսանողը շատ էր հպարտանում։ Իպոլիտ Մատվեևիչը դառնությամբ նկատեց, որ ուսանողը ներքնակ անգամ չուներ։

― Հիանալի կտեղավորվենք, ― ասաց Օստապը, ― Մոսկվայի համար կարգին ծավալ է։ Եթե մենք երեքովս պառկենք հատակին, դեռ մի քիչ էլ տեղ կմնա։ Իսկ Պանտելեյը շանորդի է։ Ո՞ւր է խցկել ներքնակը, հետաքրքիր է իմանալ։

Պատուհանը նայում էր նրբանցքին։ Այնտեղ ման էր գալիս միլիցիոները։ Դիմացի, գոթական աշտարակի ոճով կառուցած տնակում, տեղավորված էր մի փոքր տերության դեսպանատունը։ Երկաթյա վանդակացանցի ետևում թենիս էին խաղում։ Սպիտակ գնդակ էր թռչկոտում։ Լսվում էին կարճ բացականչություններ։

― Աո՛ւտ, ― ասաց Օստապը, ― բարձր կլասի խաղ չէ։ Սակայն եկեք հանգստանանք։

Կոնցեսիոներները թերթեր փռեցին հատակին։ Իպոլիտ Մատվեևիչը հանեց փչովի բարձը, որն իր հետ ման էր ածում։

Օստապը մեկնվեց հեռագրերի վրա և քնեց։ Իպոլիտ Մատվեևիչը վաղուց արդեն քնել էր։

Քաղաքացինե՛ր, հարգեցեք ներքնակները

― Լիզա, գնանք ճաշելու։

― Չեմ ուզում։ Ես երեկ արդեն ճաշել եմ։

― Քեզ չեմ հասկանում։

― Ես չեմ գնա կեղծ նապաստակ ուտելու։

― Ա՜յ քեզ հիմարություն։

― Ես չեմ կարող սնվել վեգետարյան նրբերշիկներով։

― Այսօր շառլոտկա կուտես։

― Հավես չունեմ։

― Կամաց խոսիր։ Ամեն ինչ լսվում է։

Եվ երիտասարդ ամուսիններն անցան դրամատիկ շշնջոցի։

Երկու րոպե անց Կոլյան ամուսնական կյանքի երեք ամսվա ընթացքում առաջին անգամ հասկացավ, որ սիրած կինը շատ ավելի քիչ է սիրում գազարի, կարտոֆիլի և սիսեռի նրբերշիկներ, քան ինքը։

― Ուրեմն, դու շան միսը գերադասում ես դիետիկ սնունդին, ― բղավեց Կոլյան տաքացած, հաշվի չառնելով ականջ դնող հարևաններին։

― Կամաց խոսի, ― բարձրաձայն բղավեց Լիզան։ ― Եվ հետո, դու վատ ես վարվում ինձ հետ։ Այո։ Ես միս եմ սիրում։ Երբեմն։ Այստեղ ի՞նչ վատ բան կա։

Կոլյան ապշած լռում էր։ Այս շրջադարձը անսպասելի էր նրա համար։ Միսը մեծ, անլցնելի ճեղքվածք կառաջացներ Կոլյայի բյուջեում։ Ման գալով ներքնակի երկարությամբ, որի վրա կուչ եկած նստել էր կարմրած Լիզան, երիտասարդ ամուսինը հուսահատ հաշվումներ էր կատարում։

«Տեխնոսիլա» գծագրական բյուրոյում կալկայի վրա պատճենահանելը Կոլյա Կալաչովին նույնիսկ ամենահաջողակ ամիսներին տալիս էր քառասուն ռուբլուց ոչ ավելի։ Կոլյան բնակվարձ չէր տալիս։ Վայրի ավանում տնային կառավարիչ չկար և բնակվարձն այստեղ վերացական հասկացողություն էր։ Տասը ռուբլին գնում էր Լիզայի կարուձև սովորելուն՝ շինարարական տեխնիկումի իրավունքներով դասընթացներում։ Երկուսի ճաշը (մեկ առաջին՝ վանական բորշ և մեկ երկրորդ՝ կեղծ նապաստակ կամ իսկական լապշա), որն հալալ կիսովի ուտում էին «Մի գողանա» վեգետարյան ճաշարանում, ամուսինների բյուջեից պոկում էր ամսական երեսուն ռուբլի։ Մնացած փողերը դեսուդեն էին գնում անհայտ ուղղությամբ։ Դա ամենից շատ հուզում էր Կոլյային։ «Ո՞ւր են գնում փողերը», ― մտորում էր նա, երկնագույն կալկայի վրա ռեյսֆեդերով երկար ու բարակ գիծ քաշելով։ Նման պայմաններում մսակերության անցնելը կործանում էր նշանակում։ Ուստի և Կոլյան տաք֊տաք խոսել սկսեց․

― Մտածիր միայն, խժռե՜լ սպանած կենդանիների դիակներ։ Մարդակերությո՛ւն՝ կուլտուրայի դիմակի տակ։ Բոլոր հիվանդությունները մսից են առաջանում։

― Իհա՜րկե, ― ամոթխած հեգնանքով ասաց Լիզան, ― օրինակ՝ անգինան։

― Այո, այո, և անգինան։ Բա դու ի՞նչ էիր կարծում։ Մսի մշտական գործածությունից թուլացած օրգանիզմը ի վիճակի չէ դիմադրելու վարակին։

― Ի՞նչ հիմարություն։

― Հիմարությունը դա չէ։ Հիմար է նա, որ աշխատում է իր ստամոքսը լցնել, առանց մտահոգվելու վիտամինների քանակով։

Կոլյան հանկարծ լռեց։ Հեզհետե ետ վանելով անալի ու անհամ լապշաների, խաշիլների, կարտոֆիլից պատրաստած անհեթեթությունների ֆոնը, Կոլյայի ներքին հայացքի առջև հառնեց մի լայնածավալ խոզի կոտլետ։ Ըստ երևույթին, այդ կոտլետը հենց նոր էր դուրս պրծել թավայից։ Նա դեռ թշշում էր, պլթպլթում և համեղ հոտ էր արձակում։ Կոտլետի ոսկորը ցցված էր մենամարտի ատրճանակի պես։

― Ախր հասկացիր, ― բղավեց Կոլյան, ― մի որևէ խոզի կոտլետ մի շաբաթվա կյանք է խլում մարդուց։

― Թող խլի՛, ― ասաց Լիզան։ ― Կեղծ նապաստալը կես տարի է խլում։ Երեկ, երբ մենք գազարի տապակած էինք ուտում, ես զգացի, որ մեռնում եմ։ Միայն չէի ուզում քեզ ասել։

― Ինչո՞ւ չէիր ուզում ասել։

― Ուժ չունեի։ Վախենում էի լաց լինել։

― Իսկ հիմա չե՞ս վախենում։

― Հիմա ինձ համար միևնույն է։

Լիզան հեկեկաց։

― Լև Տոլստոյը, ― ասաց Կոլյան դողդոջ ձայնով, ― նույնպես միս չէր ուտում։

― Այո, ― պատասխանեց Լիզան սկրտալով արցունքներից, ― կոմսը ծնեբեկ էր ուտում։

― Ծնեբեկը միս չէ։

― Իսկ երբ «Պատերազմ ու խաղաղությունն» էր գրում, միս էր ուտում։ Ուտում էր, ուտում էր, ուտում։ Եվ երբ «Աննա Կարենինա» էր գրում՝ խժռում էր, խժռում, խժռում։

― Ձա՛յնդ։

«Կարենինա» էր գրում՝ խժռում էր, խժռում, խժռում։

― Իսկ երբ «Կրեյցերյան սոնատն» էր գրում, այն ժամանակ է՞լ էր խժռում, ― թունոտ հարցրեց Կոլյան։

― «Կրեյցերյան սոնատը» փոքր բան է։ Ապա թող փորձեր «Պատերազմ և խաղաղությունը» գրել վեգետարյան նրբերշիկ ուտելով։

― Ի՞նչ ես, վերջապես, կպել ինձ քո Տոլստոյով։

― Ե՞ս եմ կպել քեզ Տոլստոյով։ Ե՞ս։ Ե՞ս եմ կպել ձեզ Տոլստոյով։

Կոլյան նույնպես անցավ «դուք»֊ի։ Գրչամաններում բարձրաձայն ցնծում էին։ Լիզան հապշտապ ծոծրակից ճակատին էր քաշում գործած երկնագույն գլխարկը։

― Ո՞ւր ես գնում։

― Հանգիստ թող ինձ։ Գործով եմ գնում։

― Եվ Լիզան դուրս փախավ։

― «Ո՞ւր կարող էր գնալ, ― մտածեց Կոլյան։ Նա ականջ դրեց։

― Շա՜տ ազատություն են տվել ձեր քրոջը Սովետական իշխանության օրոք, ― ասացին ծայրի ձախ գրչամանում։

― Կխեղդվի, ― որոշեցին երրորդ գրչամանում։

Հինգերորդ գրչամանը վառեց պրիմուսը և զբաղվեց առօրյա համբույրներով։

Լիզան հուզված վազում էր փողոցներով։

Կիրակնօրյա այն ժամն էր, երբ երջանիկները շուկայից ներքնակներ են տանում Արբատով։

Նորապսակներն ու սովետական միջակներն են զսպանակավոր ներքնակների գլխավոր գնորդները։ Նրանք տանում են այդ ներքնակները դիք բռնած և երկու ձեռքով գրկած։ Հապա ո՜նց չգրկեն այդ երկնագույն ծաղկավոր ներքնակները, իրենց երջանկության հիմքը։

Քաղաքացինե՛ր։ Հարգեցեք, երկնագույն ծաղիկներով զսպանակավոր ներքնակները։ Դա ընտանեկան օջախ է, կահավորման սկիզբն ու վերջը, ընտանեկան ույուտի ընդհանուրն ու ամբողջականը, սիրո բազան, պրիմուսի հայրը։ Ի՜նչ քաղցր է քնել նրա զսպանակների դեմոկրատական ճռճռոցի տակ։ Ի՞նչ հրաշալի երազներ է տեսնում նրա երկնագույն կտավի վրա քնող մարդը։ Ի՜նչ հարգանք է վայելում ամեն մի ներքնակատեր։

Ներքնակազուրկ մարդը ողորմելի է։ Նա գոյություն չունի։ Նա հարկեր չի վճարում, կին չունի, ծանոթները նրան փոխարինաբար փող չեն տալիս՝ «մինչև չորեքշաբթի», տաքսիների շոֆերները նրա ետևից վիրավորական խոսքեր են շպրտում, աղջիկները ծիծաղում են նրա վրա․ նրանք չեն սիրում իդեալիստների։

Ներքնակազուրկ մարդը մեծ մասամբ բանաստեղծություններ է գրում․

Ժամացույցի զարկերի տակ հաճելի է ճոճաթոռում։
Ձյունն է դանդաղ տեղում բակում, և երազում հավք է թռչում։

Ստեղծագործում է նա հեռագրատան բարձր գրասեղանի առջև, ուշացնելով գործարար ներքնակատերերին, որոնք եկել են հեռագրեր ուղարկելու։

Ներքնակը բեկում է մարդկային կյանքը։ Նրա պաստառի ու զսպանակների մեջ ձգողական ու մինչև օրս չուսումնասիրված մի ուժ կա թաքնված։ Նրա զսպանակների հրավիրակոչը լսելուն պես գալիս խռնվում են մարդիկ և իրեր։ Գալիս են ֆինագենտը և աղջիկներ։ Նրանք ուզում են բարեկամանալ ներքնակատերերի հետ։ Ֆինագենտն այդ անում է գանձարանային նպատակներով, որոնք պետական օգուտներ են հետապնդում, իսկ աղջիկները՝ անշահախնդիր, բնության օրենքներին ենթարկվելով։

Սկսվում է երիտասարդության ծաղկումը։ Հարկերը հավաքած ֆինագենտը մեղվի պես վերցնում է իր բերքը և ուրախ բզզոցով թռչում է իր քաղաքամասի փեթակը։ Իսկ նահանջած աղջիկներին փոխարինում են կինը և «Յուվել N 1» պրիմուսը։

Ներքնակն անկուշտ է։ Նա զոհաբերություն է պահանջում։ Գիշերները նա վայր ընկնող գնդակի ձայն է հանում։ Նրան գրադարակ է պետք։ Նրան հաստ ոտքերով սեղան է պետք։ Զսպանակները ճռճռացնելով, նա պահանջում է վարագույրներ և խոհանոցային ամանեղեն։ Նա հրամայում է մարդուն և ասում․

― Գնա՛։ Գնիր գլանատախտակ և գրտնակ։

― Մա՛րդ, ես ամաչում եմ քո փոխարեն, մինչև օրս դու գորգ չունես։

― Աշխատի՛ր։ Շուտով ես քեզ երեխաներ կբերեմ։ Քեզ փող է հարկավոր բարուր և սայլակ գնելու համար։

Ներքնակն ամեն բան հիշում է և ամեն բան անում յուրովի։

Պոետն անգամ չի կարող խուսափել ընդհանուրի ճակատագրից։ Ահա նա շուկայից ներքնակ է տանում, սարսափած սեղմվելով նրա փափուկ փորին։

― Ես կկոտրեմ քո համառությունը, պոետ, ― ասում է ներքնակը։

― Դու այլևս կարիք չես ունենա հեռագրատուն վազելու բանաստեղծություններ գրելու համար։ Եվ ընդհանրապես արժե՞ արդյոք գրել։ Ծառայի՛ր։ Եվ սալդոն միշտ կլինի քո օգտին։ Մտածիր կնոջդ ու երեխաների մասին։

― Ես կին չունեմ, ― բղավում է պոետը, հեռու քաշվելով զսպանակավոր ուսուցչից։

― Նա կլինի։ Եվ ես չեմ երաշխավորում, որ նա ամենագեղեցիկ աղջիկն է լինելու աշխարհում։ Չգիտեմ նույնիսկ, բարի՞ կլինի արդյոք նա։ Ամեն բանի պատրաստ եղիր։ Դու երեխաներ կունենաս։

― Ես երեխաներ չեմ սիրում։

― Դու կսիրե՛ս նրանց։

― Դուք ինձ վախեցնում եք, քաղաքացի ներքնակ։

― Լռի՛ր, հիմար։ Դու դեռ բոլորը չգիտես։ Դու դեռ վարկով կահույք կվերցնես Մոսդրևոյից։

― Ես քեզ կսպանե՛մ, ներքնակ։

― Լակո՛տ։ Եթե դու համարձակվես այդ անել, հարևանները կհայտնեն տնային կառավարչությանը։

Այսպես ամեն մի կիրակի, ներքնակների ուրախ հնչյունների տակ, Մոսկվայում շրջում են երջանիկները։

Բայց, իհարկե, միայն դրանով չէ նշանավոր մոսկովյան կիրակին։ Կիրակին թանգարանային օր է։

Մոսկվայում հատուկ կատեգորիայի մարդիկ կան։ Նրանք ոչինչ չեն հասկանում գեղանկարչությունից, չեն հետաքրքրվում ճարտարապետությամբ և չեն սիրում հին հուշարձաններ։ Մարդկանց այդ կատեգորիան թանգարան է հաճախում բացառապես նրա համար, որովհետև դրանք տեղավորված են հիանալի շենքերում, նախանձով դիտում նախշած առաստաղները, ձեռքերով շոշափում այն, ինչ արգելված է, և անընդհատ փնթփնթում են։

― Է՛հ։ Մարդիկ ապրել են հա՜։

Նրանց համար կարևոր չէ, որ պատերը նկարազարդել է ֆրանսիացի Պյուվի դե Շավանը։ Կարևոր է իմանալ, թե որքան է նստել դա առանձնատան նախկին տիրոջ վրա։ Նրանք բարձրանում են հարթակներում մարմարե քանդակներ ունեցող սանդուղքով և պատկերացնում իրենց՝ թե քանի լաքեյ է կանգնել այստեղ, որքան ռոճիկ և թեյափող է ստացել յուրաքանչյուր լաքեյը։ Բուխարիկի վրա ճենապակի է դրված, բայց նրանք, դրա վրա ուշադրություն չդարձնելով, որոշում են, թե բուխարիկ ասածդ ձեռնտու բան չէ՝ անչափ շատ փայտ է գնում։ Կաղնե պանելով պատած ճաշասենյակում նրանք չեն նայում հիանալի փորագրություններին։ Մի միտք է տանջում նրանց․ ի՞նչ է կերել այստեղ նախկին տեր֊վաճառականը և ինչ կարժենար այն՝ հիմիկվա թանկության պայմաններում։

Ուզածդ թանգարանում կարելի է հանդիպել նման մարդկանց։ Այն պահին, երբ էքսկուրսիաները առույգ քայլում են մի գլուխգործոցից մյուսը, այդօրինակ մարդը կանգնում է դահլիճի մեջտեղում և, ոչ մի բանի չնայելով, կարոտով բառաչում է․

― Է՜հ։ Մարդիկ ապրել են հա՜։

Լիզան վազում եր փողոցով, արցունքները կուլ տալով։ Մտքերը քշում էին նրան։ Նա մտածում էր իր երջանիկ և խեղճ կյանքի մասին։

«Այ, եթե մի սեղան և երկու աթոռ ևս լիներ, բոլորովին լավ կլիներ։ Վերջիվերջո մի պրիմուս էլ պետք է ճարել։ Մի կերպ սարքավորել է պետք»։

Նա սկսեց դանդաղ գնալ, որովհետև հանկարծ մտաբերեց Կոլյայի հետ ունեցած վեճը։ Բացի այդ, նա շատ ուտել էր ուզում։ Նրա մեջ հանկարծակի ատելություն բորբոքվեց ամուսնու հանդեպ։

― Սա պարզապես խայտառակություն է, ― ասաց նա բարձրաձայն։

Գնալով քաղցը սաստկանում էր։

― Դե լավ, լավ։ Ինքս էլ գիտեմ, թե ինչ եմ անելու։

Եվ Լիզան, կարմրելով, մանրավաճառուհուց գնեց մի երշիկով բուտերբրոդ։ Որքան էլ սոված լիներ, այնուամենայնիվ, փողոցում ուտելը անհարմար էր։ Ինչքան չլինի, ինքն այնուամենայնիվ ներքնակատեր էր և լավ հասկանում էր կյանքի նրբությունները։ Նա նայեց շուրջը և մտավ երկհարկանի առանձնատան շքամուտքը։ Այնտեղ մեծ հաճույքով սկսեց ուտել բուտերբրոդը։ Երշիկը գայթակղեցուցիչ էր։ Մի մեծ էքսկուրսիա մտավ շքամուտքը։ Անցնելով պատի տակ կանգնած Լիզայի կողքով, էքսկուրսանտները նայում էին նրան։

«Թող տեսնեն», ― որոշեց չարացած Լիզան։

Կահույքի թանգարանը

Լիզան թաշկինակով սրբեց բերանը և փշրանքները թափ տվեց կոֆտայից։ Տրամադրությունը բացվեց։ Նա կանգնել էր ցուցանակի առջև։

Կահույքի վարպետության թանգարան

Անհարմար էր տուն վերադառնալ։ Գնալու տեղ չուներ։ Գրպանում տասնհինգ կոպեկ կար։ Եվ Լիզան որոշեց ինքնուրույն կյանք սկսել՝ թանգարան այցելելով։ Կանխիկ գումարն ստուգելով, նա մտավ նախասրահ։

Այնտեղ նա մեկեն դեմ առավ հնացած մորուք ունեցող մի մարդու, որը ծանր հայացքը մալախիտե սյունաշարին մեխած, բեղերի արանքից ասում էր․

― Հարո՜ւստ են ապրել մարդիկ։

Լիզան հարգանքով նայեց սյունին և բարձրացավ վերև։

Քառակուսի փոքր սենյակներում, այնպես ցածր առաստաղներով, որ այնտեղ մտնող ամեն ոք հսկա էր թվում, Լիզան թափառեց մի տասը րոպե։

Դրանք սենյակներ էին, կահավորված պավլովյան ամպիրով, կարմիր փայտով և կարելյան կեչիով՝ հրաշալի և մարտաշունչ կահույքով։ Գրասեղանի առաջ դրված էին երկու քառակուսի պահարաններ, որոնց ապակյա դռները խաչաձև հատված էին նիզակներով։ Սեղանն անեզր ու անչափ էր։ Նստել նրա մոտ, միևնույն էր թե նստել Թատրոնական հրապարակի մոտ, ընդ որում Մեծ թատրոնը իր սյունաշարով և բրոնզե ձիերի քառյակով, որոնք Ապոլոնին քարշ էին տալիս «Կարմիր կակաչի» պրեմիերային, այդ սեղանի վրա կերևար որպես թանաքաման։ Գոնե այդպես էր թվում Լիզային, որը մի խղճուկ ճագարի պես սնվել ու դաստիարակվել էր գազարով։ Սենյակներում դրված էին բարձր մեջքերով բազկաթոռներ, որոնց վերնամասերը ոչխարի կոտոշների պես ոլորված էին։ Արևն ընկել էր բազկաթոռների դեղձագույն պաստառների վրա։

Մարդն ուզում էր անմիջապես նստել նման բազկաթոռի վրա, բայց նստելն արգելված էր։

Լիզան մտովին համեմատեց, թե ինչպես կերևար պավլովյան ամպիրի անգին բազկաթոռը իր կարմրաշերտ ներքնակի կողքին։ Դուրս էր գալիս, որ ոչինչ՝ վատ չէր երևա։ Նա պատին կարդաց մի աղյուսակ՝ պավլովյան ամպիրի գիտական և գաղափարական հիմնավորումով և, վշտանալով, որ ինքն ու Կոլյան մի սենյակ չունեն այս պալատում, դուրս ելավ անսպասելի մի միջանցք։

Ձախ ձեռքի վրա հենց հատակից ցածլիկ կիսաշրջանաձև պատուհաններ էին սկսվում։ Նրանց միջով, ոտքերի տակ, Լիզան տեսավ հսկա երկլուսավոր սյունազարդ դահլիճ։ Այդ դահլիճում ևս կահ֊կարասիներ էին դրված և այցելուներ էին թրև գալիս։ Լիզան կանգ առավ։ Դեռ երբեք նա իր ոտքերի տակ դահլիճ չէր տեսել։

Զարմանալով և նվաղելով, նա դեռ երկար նայում էր ներքև։ Հանկարծ նկատեց, որ բազկաթոռներից թեքերես գրասեղանի մոտ են անցնում իր այսօրվա ծանոթները՝ Բենդերն ու իր ուղեկիցը, սափրած գլխով պատկառելի ծերուկը։

― Ա՜յ լավ է, ― ասաց Լիզան։ ― Այնքան էլ տաղտկալի չի լինի։

Նա շատ ուրախացավ, վազեց ներքև և իսկույն մոլորվեց։ Նա ընկավ կարմիր հյուրասենյակը, որտեղ մի քառասուն առարկա էր դրված։ Դա ընկուզենու կահույք էր՝ ճկած ոտքերով։ Հյուրասենյակից ելք չկար։ Ստիպված էր ետ վազել վերևից լույս ունեցող կլոր սենյակի միջով, որը թվում էր, թե կահավորված է միայն ծաղկավոր բարձերով։

Նա վազում էր իտալական Վերածնունդի դիպակավոր բազկաթոռների կողքով, հոլանդական պահարանների, սև ոլորուն սյունակների վրա ամպհովանի ունեցող գոթական մեծ մահճակալի կողքով։ Մարդն այդ մահճակալի վրա ընկույզի չափ կերևար։

Վերջապես Լիզան լսեց էքսկուրսանտների խուլ աղմուկը․ նրանք անուշադիր լսում էին էքսկուրսավարին, որը մերկացնում էր Եկատերինա II֊ի իմպերիալիստական մտադրությունները՝ կապված Լուի֊Սեզ ոճի կահույքի հանդեպ հանգուցյալ կայսրուհու տածած սիրո հետ։

Դա հենց երկլուսավոր մեծ սյունազարդ դահլիճն էր։ Լիզան անցավ նրա հակադիր ծայրը, ուր նրա ծանոթ ընկեր Բենդերը տաք֊տաք զրուցում էր իր սափրագլուխ ուղեկցի հետ։

Մոտենալով Լիզան, լսեց հնչեղ ձայնը․

― Շիկ֊մոդեռն ոճի կահույք է։ Բայց սա, թվում է, այն չէ, ինչ պետք է մեզ։

― Այո, բայց անշուշտ այստեղ ուրիշ դահլիճներ էլ կան։ Մեզ անհրաժեշտ է սիստեմատիկորեն ամեն ինչ նայել։

― Բարև ձեզ, ― ասաց Լիզան։

Երկուսն էլ շուռ եկան և իսկույն մռայլվեցին։

― Բարև ձեզ, ընկեր Բենդեր։ Լավ է, որ ձեզ գտա։ Թե չէ մենակ ձանձրալի էր։ Եկեք միասին նայենք։

Կոնցեսիոներները իրար երես նայեցին։ Իպոլիտ Մատվեևիչը առույգ դիրք ընդունեց, թեև նրան հաճելի չէր, որ Լիզան կարող է իրենց ետ պահել ադամանդավոր կահույք որոնելու կարևոր գործից։

― Մենք տիպիկ գավառացիներ ենք, ― ասաց Բենդերը անհամբեր, ― իսկ դուք, մոսկվիչկա, ինչպե՞ս ընկաք այստեղ։

― Բոլորովին պատահականորեն։ Ես կռվեցի Կոլյայի հետ։

― Ահա՜ թե ինչ, ― նկատեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Է՛, թողնենք այս դահլիճը, ― ասաց Օստապը։

― Իսկ ես դեռ չեմ նայել։ Շատ սիրունիկ դահլիճ է։

― Սկսվո՜ւմ է, ― շշնջաց Օստապը Իպոլիտ Մատվեևիչի ականջին։ Եվ դիմելով Լիզային, ավելացրեց․ ― այստեղ նայելու բան չկա։ Անկումային ոճ։ Կերենսկու էպոխան։

― Այստեղ, ինչ֊որ տեղ, ինձ ասել են, կա վարպետ Հաբսի կահույքը, ― հաղորդեց Իպոլիտ Մատվեևիչը, ― թերևս այնտեղ գնանք։

Լիզան համաձայնեց և, թևանցուկ անելով Վորոբյանինովին (նա նրան գիտության զարմանալիորեն հաճելի ներկայացուցչի տեղ էր դնում), դիմեցին դեպի ելքը։ Չնայած գործի ողջ լրջությանը և գանձերի որոնումներում վրա հասած վճռական մոմենտին, Բենդերը աշխույժ ծիծաղում էր, քայլելով զույգի ետևից։ Նրան ծիծաղեցնում էր կավալերի դերում գտնվող կոմանչների պարագլուխը։

Լիզան խիստ նեղում էր կոնցեսիոներներին։ Մինչդեռ նրանք մի հայացքով որոշում էին, թե սենյակում իրենց ուզած կահույքը չկա և ակամայից մղվում էին դեպի մյուս սենյակը, Լիզան երկար ժամանակ կանգնում մնում էր յուրաքանչյուր բաժնում։ Նա բարձրաձայն կարդում էր կահույքի մասին տպագրված քննախոսությունները, սուր դիտողություններ էր բաց թողնում այցելուների հասցեին և երկար կանգ էր առնում յուրաքանչյուր ցուցանմուշի առջև։ Ակամայից և իր համար միանգամայն աննկատելի նա տեսած կահույքը հարմարեցնում էր իր սենյակին և իր պահանջներին։ Գոթական անկողինը բոլորովին դուր չեկավ նրան։ Չափից դուրս մեծ էր։ Եթե Կոլյային հրաշքով անգամ հաջողվեր երեք քառակուսի սաժենի բնակարան ստանալ, ապա այդ դեպքում էլ միջնադարյան այդ առագաստը չէր տեղավորվի սենյակում։ Սակայն Լիզան երկար ժամանակ ման էր գալիս մահճակալի շուրջը, ոտքերով չափում իսկական տարածությունը։ Լիզան շատ ուրախ էր։ Նա չէր նկատում իր ուղեկիցների թթու դեմքերը, որոնց ասպետական բնավորությունը թույլ չէր տալիս գլխապատառ նետվելու վարպետ Հաբսի սենյկաը։

― Համբերենք, ― շշնջաց Օստապը, ― կահույքը չի փախչի, իսկ դուք, պարագլուխ, աղջկան մի սեղմեք։ Ես խանդում եմ։

Վորոբյանինովը ինքնագոհ ժպտաց։

Դահլիճները դանդազորեն ձգվում էին։ Նրանք վերջ չունեին։ Ալեքսանդրյան էպոխայի կահույքը ներկայացված էր բազմաթիվ կոմպլեկտներով։ Նրանց համեմատաբար փոքր չափերը հիացմունք առաջացրին Լիզայի մեջ։

― Տեսե՛ք, տեսե՛ք, ― դյուրահավատորեն բղավում էր նա, քաշելով Վորոբյանինովի թևից։ ― Տեսնո՞ւմ եք այս գրասեղանը։ Սա հիանալի կսազեր մեր սենյակին։ Այնպես չէ՞։

― Հիանալի կահույք է, ― զայրացած ասաց Օստապը։ ― Միայն թե ակումբային է։

― Իսկ այստեղ ես արդեն եղել եմ, ― ասաց Լիզան, մտնելով կարմիր հյուրասենյակը, ― այստեղ, իմ կարծիքով, չարժե կանգ առնել։

Ի զարմանս նրա, կահույքի հանդեպ անտարբեր ուղեկիցները ժամապահների պես քարացան֊մնացին դռների մոտ։

― Ինչո՞ւ կանգնեցիք։ Գնանք։ Ես արդեն հոգնել եմ։

― Սպասեցե՛ք, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, նրա ձեռքից ազատվելով, ― մի րոպե։

Մեծ սենյակը ծանրաբեռնված էր կահույքով։ Հաբսյան աթոռները շարված էին պատի երկարությամբ և սեղանի շուրջը։ Անկյունի գահավորակը ևս շրջապատված էր աթոռներով։ Նրանց ճկած ոտքերը և հարմարավուն մեջքերը խիստ ծանոթ էին Իպոլիտ Մատվեևիչին։ Օստապը զննական հայացքով նայում էր նրան։ Իպոլիտ Մատվեևիչը կարմրեց։

― Դուք հոգնել եք, օրիորդ, ― ասաց նա Լիազային, ― նստեցեք այստեղ և հանգստացեք, իսկ մենք մի քիչ ման կգանք։ Սա կարծես, հետաքրքիր դահլիճ է։

Լիզային նստեցրին։

Կոնցեսիոներները մոտեցան պատուհանին։

― Նրա՞նք են, ― հարցրեց Օստապը։

― Կարծես նրանք են։ Պետք է ավելի հանգամանորեն զննել։

― Բոլոր աթոռներն այստե՞ղ են։

― Հիմա ես կհաշվեմ։ Սպասեցեք, սպասեցեք․․․

Վորոբայնինովն սկսեց աչքը մի աթոռից մյուսի վրա գցել։

― Թույլ տվեք, ― ասաց նա վերջապես, ― քսան աթոռ։ Այդ չի կարող պատահել։ Չէ՞ որ նրանք ընդամենը տասն էին։

― Իսկ դուք ուշադիր նայեցեք։ Գուցե սրանք այն աթոռնեըը չեն։

Նրանք սկսեցին քայլել աթոռների արանքով։

― Դե՞, ― շտապեցնում էր Օստապը։

― Մեջքն ասես իմինին նման չէ։

― Ուրեմն, նրանք չե՞ն։

― Նրանք չեն։

― Թվում է, թե զուր եմ կապվել ձեզ հետ։

Իպոլիտ Մատվեևիչը բոլորովին ընկճված էր։

― Լավ, ― ասաց Օստապը, ― նիստը շարունակվում է։ Աթոռը այստեղ չէ։ Կգտնվի։ Տվեք օրդերներն այստեղ։ Ստիպված ենք տհաճ կոնտակտի մեջ մտնել ադմինիստրացիայի հետ։ Նստեցեք աղջկա կողքին և մնացեք։ Ես հիմա կգամ։

― Ինչո՞ւ եք այդպես տխուր, ― ասում էր Լիզան։ ― Հոգնե՞լ եք։

Իպոլիտ Մատվեևիչը լռություն էր պահպանում։

― Ձեր գլո՞ւխն է ցավում։

― Հա, մի քիչ։ Հոգսե՜ր, հոգսե՜ր։ Կնոջ փաղաքշանքի բացակայությունը արտահայտվում է մարդու ապրելակերպի վրա։

Լիզան սկզբում զարմացավ, իսկ հետո, նայելով իր սափրագլուխ զրուցակցին, իրոք խղճահարվեց։ Տանջված աչքեր ուներ Վորոբյանինովը։ Պենսնեն չէր թաքցնում աչքատակի որոշակի նշմարվող պարկերը։ Գավառական զագսի գործավարի հանգիստ կյանքից ադամանդների ետևից ընկած որսորդի և ավանտյուրիստի անհարմար հոգսաշատ կենցաղին անցնելը էժան չէր նստել նրա վրա։ Իպոլիտ Մատվեևիչը սաստիկ նիհարել էր, և նրա լյարդն սկսել էր ցավել։ Բենդերի դաժան հսկողության տակ Իպոլիտ Մատվեևիչը կորցնում էր իր դեմքը և արագ լուծվում թուրքահպատակի որդու ուժեղ ինտելեկտի մեջ։ Այժմ, երբ նա մի րոպեով մենակ մնաց սքանչելի քաղաքացուհի Կալաչովայի հետ, նրա մեջ ցանկություն առաջացավ պատմել իր վշտերի և հուզմունքների մասին, բայց նա չհամարձակվեց այդ անել։

― Բա՜ս, ― ասաց նա, քնքշորեն նայելով զրուցակցուհուն, ― նման բաներ։ Դո՞ւք ինչպես եք ապրում, Ելիզավետա․․․

― Պետրովնա։ Իսկ ձեզ ինչպե՞ս են կոչում։

Փոխանակվեցին անուն֊հայրանունով։

«Սիրո անուշ հեքիաթը», ― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով, խորը նայելով Լիզայի հասարակ դեմքին։ Ծեր պարագլուխը այնպես բուռն կերպով, այնպես անխուսափելիորեն էր կանացի փաղաքշանք տենչում, որի բացակայությունը ծանր էր անդրադառնում նրա ապրելակերպի վրա, որ նա անմիջապես Լիզայի թաթիկը վերցրեց իր խորշոմապատ ձեռքերի մեջ և սկսեց տաք֊տաք խոսել Փարիզի մասին։ Նա ուզում էր հարուստ լինել, շռայլող և անվանելի։ Նա ուզում էր հրապուրել և նվագախմբերի աղմուկի տակ կանանց նվագախմբի գեղեցկուհիներից մեկի հետ ռեդերեր խմել առաձին կաբինետում։ Ինչի՞ մասին խոսել այս աղջկա հետ, որն անշուշտ ոչինչ չգիտի ո՛չ ռեդերերի, ո՛չ կանանց նվագախմբերի մասին և որն իր բնույթով չի կարող անգամ հասկանալ այդ ժանրի ողջ գեղեցկությունը։ Իսկ ինչպե՜ս ուզում էր հրապուրիչ լինել։ Եվ Իպոլիտ Մատվեևիչը գայթակղեցնում էր Լիզային՝ Փարիզի մասին պատմություններ անելով։

― Դուք գիտական աշխատո՞ղ եք, ― հարցրեց Լիզան։

― Այո, որոշ չափով, ― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը զգալով, որ Բենդերի հետ ծանոթանալու օրվանից հետո նորից ձեռք է բերում վերջին տարիներին իրեն ոչ հատուկ անպատկառությունը։

― Իսկ քանի՞ տարեկան եք, ներեցեք անհամեստ հարցիս։

― Դա ոչ մի կապ չունի այն գիտության հետ, որը ես տվյալ մոմենտին ներկայացնում եմ։

Այդ արագ և դիպուկ պատասխանից Լիզան հմայվեց։

― Բայց և այնպես։ Երեսո՞ւն։ Քառասո՞ւն։ Հիսո՞ւն։

― Գրեթե երեսունութ։

― Ոհո՛։ Դուք շատ ավելի ջահել եք երևում։

Իպոլիտ Մատվեևիչը իրեն երջանիկ զգաց։

― Դուք ինձ ե՞րբ կերջանկացնեք կրկին ձեզ հետ տենսվելով, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը քթի մեջ։

Լիզան խիստ ամաչեց։ Նա շուռումուռ եկավ բազկաթոռի մեջ և թախծեց։

― Այս ո՞ւր կորավ ընկեր Բենդերը, ― ասաց նա բարակ ձայնով։

― Ե՞րբ ուրեմն, ― անհամբեր հարցրեց Վորոբյանինովը։ ― Ե՞րբ և որտե՞ղ ենք տեսնվելու։

― Դե, ես չգիտեմ։ Երբ ուզում եք։

― Այսօր կարելի՞ է։

― Այսօր։

― Աղաչում եմ։

― Դե լավ։ Թող այսօր լինի։ Անցեք մեզ մոտ։

― Ոչ, եկեք հանդիպենք բաց օդում։ Հիմա շատ հիանալի եղանակներ են։ Ծանո՞թ է ձեզ այս բանաստեղծությունը․ «Սա մայիսն է չարաճճի, սա մայիսն է կախարդիչ, զով քամի է հովհարում»։

― Դա Ժա՞րովի բանաստեղծությունն է։

― Հըմ․․․ Կարծեմ։ Ուրեմն այսօ՞ր։ Որտե՞ղ։

― Ի՞նչ տարօրինակն եք։ Որտեղ ուզում եք։ Ոզում ե՞ք անկիզելի պահարանի մոտ։ Գիտե՞ք։ երբ մթնի․․․

Իպոլիտ Մատվեևիչը հազիվ էր կարողացել համբուրել Լիզայի ձեռքը, որը նա արեց հանդիսավորությամբ, երեք դադարով, երբ վերադարձավ Օստապը։ Նա շատ գործնական էր երևում։

― Ներեցեք, մադմաուզել, ― ասաց նա արագ֊արագ, ― բայց մենք բարեկամիս հետ չենք կարող ձեզ ուղեկցել։ Մի փոքր, բայց շատ կարևոր գործ է բացվել։ Մենք շտապ մի տեղ պետք է գնանք։

Իպոլիտ Մատվեևիչի շունչը կտրվեց։

― Ցտեսություն, Ելիզավետա Պետրովնա, ― ասաց նա շտապ, ― ներեցեք, ներեցեք, ներեցեք, բայց մենք խիստ շտապում ենք։

Եվ կոմպանյոնները վազեցին, զարմացած Լիզային թողնելով Հաբսի կահույքով առատորեն կահավորված սենյակում։

― Եթե ես չլինեի, ― ասաց Օստապը, երբ նրանք իջնում էին սանդուղքով, ― ոչինչ էլ դուրս չէր գա։ Աղոթեցեք ինձ։ Աղոթեցեք, աղոթեցեք, մի վախենաք, գլուխներդ չի պոկվի։ Լսեցե՛ք։ Ձեր կահույքը թանգարանային կարևորություն չունի։ Նրա տեղը թանգարանը չէ, այլ տուգանային գումարտակի զորանցը։ Դուք բավարարվա՞ծ եք այս իրադրությամբ։

― Ի՛նչ ծաղր է դա, ― բացականչեց Վորբյանինովը, որը հենց նոր էր սկսել ազատագրվել թուրքահպատակի որդու ինտելեկտի հզոր լծից։

― Լռությո՛ւն, ― սառը ասաց Օստապը, ― դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունենում։ Եթե մենք հիմա չգրավենք մեր կահույքը՝ վե՛րջ։ Այլևս երբեք չենք տեսնի այն։ Հենց նոր գրասենյակում ես ծանր խոսակցություն ունեցա այս պատմական աղբանոցի վարիչի հետ։

― Եվ ի՜նչ, ― բացականչեց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Ի՞նչ ասաց ձեր վարիչը։

― Ասաց, ինչ որ պետք էր։ Մի հուզվեք։ «Ասացեք, ― հարցրի ես նրան, ― ինչո՞վ բացատրել, որ Ստարգորոդից օրդերով ձեզ ուղարկված կահույքը չկա»։ Ես այդ, իհարկե, հարցրի շատ սիրալիր, ընկերական կարգով։ «Ի՞նչ կահույք, ― հարցնում է նա։ ― Իմ թանգարանում նման փաստեր չկան»։ Ես ձեռաց դեմ արի նրան օրդերները։ Նա քրքրեց գրքերը։ Կես ժամ փնտրեց և, վերջապես, վերադարձավ։ Եվ ի՞նչ եք կարծում։ Որտե՞ղ է այդ կահույքը։

― Կորե՞լ է, ― ծվաց Վորոբյանինովը։

― Պատկերացրեք՝ ոչ։ Պատկերացրեք, որ այս շիլափլավի մեջ անվնաս է մնացել։ Ինչպես ձեզ արդեն ասացի, թանգարանային կարևորություն չունի։ Տարել թափել են պահեստը և միայն երեկ, ուշադրություն դարձրեք, երեկ, յոթ տարուց հետո (յոթ տարի նա ընկած է եղել պահեստում), ուղարկվել է աճուրդով ծախվելու։ Գլավնաուկի աճուրդը։ Եվ եթե այն չեն գնել երեկ կամ այսօր առավոտ, նա մերն է։ Դուք բավարարվա՞ծ եք։

― Շո՛ւտ, ― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Կառապա՛ն, ― գոչեց Օստապը։

Նրանք կառք նստեցին առանց սակարկելու։

― Աղոթեցեք ինձ, աղոթեցեք։ Մի՛ վախենաք, հոֆմարշալ։ Գինին, կինն ու թղթախաղը մեզ համար ապահովված են։ Այն ժամանակ հաշիվ կտեսնենք նաև երկնագույն ժիլետի համար։

Կոնցեսիոներները աշխույժ ու կայտառ հովատակների պես ներս վազեցին Պետրովկայի պասաժը, ուր տեղավորված էր աճուրդային դահլիճը։

Աճուրդասրահի հենց առաջին սենյակում նրանք տեսան այն, ինչ երկար ժամանակ փնտրում էին։ Իպոլիտ Մատվեևիչի բոլոր տասը աթոռներն շարված էին պատի երկարությամբ։ Նրանց վրայի պաստառն անգամ չէր սևացել, չէր խունացել, չէր փչացել։ Աթոռները թարմ էին ու մաքուր, ասես հենց նոր դուրս էին եկել հոգատար Կլավդյա Իվանովնայի հսկողության տակից։

― Նրա՞նք են, ― հարցրեց Օստապը։

― Աստվա՜ծ իմ, աստված, ― կրկնում էր Իպոլիտ Մատվեևիչը, ― նրա՛նք են, նրա՛նք։ Հենց նրանք են որ կան։ Այս անգամ ոչ մի կասկած։

― Համենայն դեպս ստուգենք, ― ասաց Օստապը, ջանալով հանգիստ լինել։

Նա մոտեցավ ծախողին․

― Ասացեք, այս աթոռները կարծեմ կահույքի թանգարանից են։

― Սրա՞նք։ Սրանք՝ այո։

― Իսկ վաճառվո՞ւմ են։

― Վաճառվում ե։

― Գի՞նը։

― Գինը դեռ չկա։ Դրանք մենք աճուրդով ենք վաճառում։

― Ըհը։ Այսօ՞ր։

― Չէ։ Այսօր առևտուրն արդեն վերջացել է։ Վաղը ժամը հնգից։

Բայց աթոռներից այդպես իսկույն հեռանալն անհնարին էր։

― Թույլ տվեք, ― թոթովեց Իպոլիտ Մատվեևիչը, ― նայենք։ Կարելի՞ է։

Կոնցեսիոներները երկար զննում էին աթոռները, նստում նրանց վրա, քաղաքավարության համար նայում էին և ուրիշ իրերի։ Վորոբյանինովը ֆսֆսացնում էր և արմունկով շարունակ հրում Օստապին։

― Աղոթեցեք ինձ, ― շշնջում էր Օստապը։ ― Աղոթեցե՛ք, պարագլուխ։

Իպոլիտ Մատվեևիչը պատրաստ էր ոչ միայն աղոթելու Օստապին, այլև համբուրելու նրա մորեգույն կոշիկների ներբանները։

― Վաղը, ― ասում էր նա, ― վաղը, վաղը, վաղը։

Նա ուզում էր երգել։

Եվրոպական ձևի քվեարկություն

Այն միջոցին, երբ բարեկամներն ապրում էին կուլտ֊լուսավորական կյանքով, այցելում էին թանգարաններն ու ավանսներ խոստանում աղջիկներին, Ստարգորոդում, Պլեխանովի փողոցի վրա, կրկնակի այրի Գրիցացուևան, այդ հաստլիկ և թույլ կինը, խորհրդակցում և գաղտնի գործում էր իր հարևանների հետ։ Բոլորը խմբովին զննում էին Բենդերի թողած երկտողը և նույնիսկ լույսին էին նայում։ Բայց նրա վրա ջրանիշեր չկային և լինելու դեպքում էլ հոյակապ Օստապի խորհրդավոր խզբզանքները ավելի չէին պարզանա։

Անցավ երեք օր։ Հորիզոնը մաքուր էր մնում։ Չէին վերադառնում ո՛չ Բենդերը, ո՛չ թեյքամիչը, ո՛չ ուռուցիկ ապարանջանը, ո՛չ աթոռը։ Բոլոր այդ շնչավոր և անշունչ առարկաները կորել էին ամենահանելուկային ձևով։

Այդ ժամանակ այրին ձեռք առավ արմատական միջոցներ։ Նա գնաց «Ստարգորոդյան պրավդայի» գրասենյակը և և նրա համար այնտեղ վռազ մի հայտարարություն թխեցին․

Աղաչում եմ
Տեղն իմացող անձանց։

Տանից գնացել է ընկեր Բենդերը, 25 ― 30 տար․ Հագած է կանաչ կոստյում, դեղին կոշիկներ և երկնագույն ժիլետ։

Թխահեր է։

Իմացողներին խնդրում եմ հայտնել լավ վարձատրությամբ։

Պլեխանովի փողոց, 15, Գրիցացուևային։

― Դա ձեր տղա՞ն է, ― կարեկցանքով հարցրին գրասենյակում։

― Մարդս է, ― պատասխանեց տառապյալը, երեսը թաշկինակով ծածկելով։

― Ախ, մա՜րդը։

― Օրինական։ Իսկ ի՞նչ կա։

― Ոչինչ։ Բայց և այնպես լավ կլիներ միլիցիային դիմեիք։

Այրին վախեցավ։ Միլիցիայից նա սարսափում էր։ Տարօրինակ հայացքների ուղեկցությամբ այրին գնաց։

«Ստարգորոդյան Պրավդայի» էջերից երեք անգամ հնչեց այդ կոչը։ Բայց լուռ էր մեծ երկիրը։ Չգտնվեցին դեղնակոշիկ թխահերի տեղն իմացող անձինք։ Ոչ ոք չներկայացավ լավ վարձատրություն ստանալու։ Հարևանները չարախոսում էին։

Այրու ճակատը օրեցօր մռայլվում էր։ Եվ տարօրինակ բան․ ամուսինը հրթիռի պես երևաց և անհետացավ, իր հետ սև երկինք տանելով լավ աթոռն ու ընտանեկան թեյքամիչը, իսկ այրին դեռ շարունակում էր սիրել նրան։ Ո՞վ կարող է հասկանալ կնոջ, մանավանդ այրի կնոջ սիրտը։

Ստարգորոդում արդեն ընտելացել էին տրամվային և աներկյուղ նստում էին։ Կոնդուկտորները թարմ ձայնով բղավում էին՝ «Տեղ չկա», և ամեն բան այնպես էր ընթանում, ասես տրամվայը քաղաքում հիմնվել էր դեռ Կարմիր Արև Վլադիմիրի օրոք։ Բոլոր կարգի հաշմանդամները, երեխաներով կանայք և Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը վագոն էին բարձրանում առաջին դռնից։ «Տոմսեր ստացեք» ճիչին Պոլեսովը փքված ասում էր «Տարեկան է» և մնում էր վագոնավարի կողքին։ Տարեկան տոմս նա չուներ և չէր էլ կարող ունենալ։

Վորոբյանինովի և մեծ կոմբինատորի այնտեղ լինելը խոր հետք էր թողել քաղաքում։

Դավադիրները խնամքով թաքցնում էին իրենց վստահված գաղտնիքը։ Լուռ էր նույնիսկ Վիկտոր Միխայլովիչը, որի լեզուն քոր էր գալիս հենց առաջին հանդիպածին պատմելու իրեն հուզող գաղտնիքները։ Սակայն, մտաբերելով Օստապի հուժկու կռները, Պոլեսովը դիմանում էր։ Նա սիրտը բացում էր միայն գուշակուհու հետ խոսելիս։

― Իսկ ի՞նչ եք կարծում, Ելենա Ստանիսլավովնա, ― ասում էր նա, ― ինչո՞վ բացատրել մեր ղեկավարների բացակայությունը։

Ելենա Ստանիսլավովնային ևս խիստ հետաքրքրում էր այդ հանգամանքը, բայց նա ոչ մի տեղեկություն չուներ։

― Իսկ չե՞ք կարծում արդյոք, Ելենա Ստանիսլավովնա, ― շարունակում էր անհանգիստ փականագործը, ― որ նրանք հիմա հատուկ առաջադրանք են կատարում։

Գուշակուհին համոզված էր, որ հենց այդպես էլ կա։ Նույն կարծիքին էր, հավանորեն, և կարմրավարտիք թութակը։ Նա իր կլորավուն խելացի աչքերով նայեց Պոլեսովին, կարծես ասելով․ «Սեմուչկա տուր, և ես հիմա ամեն ինչ կպատմեմ քեզ։ Վիկտոոր, դու կլինես նահանգապետ։ Բոլոր փականագործները քեզ կենթարկվեն։ Իսկ N 5 տան դռնապանը այնպես էլ ինքն իրեն գյադա երևակայող դռնապան կմնա»։

― Իսկ դուք ի՞նչ եք կարծում, Ելենա Ստանիսլավովնա, որ մենք պետք է շարունակենք աշխատանքը։ Ինչ ուզում է լինի, անկարելի է նստել ձեռքերը ծալած։

Գուշակուհին համաձայնեց և նկատեց․

― Բայց ախր Իպոլիտ Մատվեևիչը հերոս է։

― Հերո՞ս է, Ելենա Ստանիսլավովնա։ Պարզ է։ Իսկ նրա հետի մարտական սպա՞ն։ Գործարար մարդ է։ Ինչպես կամենաք, Ելենա Ստանիսլավովնա, բայց գործն այսպես կանգուն մնալ չի կարող։ Վճռականապես չի կարող։

Եվ Պոլեսովն սկսեց գործել։ Նա կանոնավոր այցելում էր «Թրի և խոփի» գաղտնի ընկերության բոլոր անդամներին, մանավանդ խիստ ձանձրացնում էր օդեսյան բուբլիկների «Մոսկովյան օղաբլիթ» արտելի զգույշ տիրոջը՝ քաղաքացի Կիսլյարսկուն։ Կիսլյարսկին Պոլեսովին տեսնելուն պես սևանում էր։ Իսկ գործելու անհրաժեշտության մասին խոսքերը խելագարության էին հասցնում վախկոտ օղաբլիթ թխողին։

Շաբաթվա վերջին բոլորը հավաքվեցին Ելենա Ստանիսլավովնայի թութակավոր սենյակում։ Պոլեսովը եռուզեռի մեջ էր։

― Դու, Վիկտոր, մի մռթմռթա, ― ասում էր նրան խելամիտ Դյագելը, ― ի՞նչ ես ամբողջ օրերով թրև գալիս քաղաքում։

― Գործե՛լ է պետք, ― բղավում էր Պոլեսովը։

― Գործել պետք է, բայց բղավել բոլորովին պետք չէ։ Ես, պարոնայք, ահա թե ինչպես եմ այդ ամենը պատկերացնում։ Որ Իպոլիտ Մատվեևիչն է ասել, նշանակում է սրբազան գործ է։ Եվ պետք է ենթադրել, որ մեզ սպասելու քիչ բան է մնացել։ Թե ինչպես է տեղի ունենալու այդ ամենը, մեր գիտենալու բանը չէ, դրա համար զինվորական մարդիկ կան։ Իսկ մենք՝ քաղաքային ինտելիգենցիայի և վաճառականության ներկայացուցիչներս՝ քաղաքացիական մասն ենք։ Ի՞նչ է կարևոր մեզ։ Լինել պատրաստ։ Որևէ բան ունե՞նք մենք։ Կենտրոն ունե՞նք։ Չունենք։ Ո՞վ է կանգնելու քաղաքի գլխին։ Ոչ ոք չկա։ Իսկ դա, պարոնայք, ամենից գլխավորն է։ Անգլիացիք, պարոնայք, թվում է, թե այլևս նազուտուզ չեն անելու բոլշևիկների հետ։ Դա առաջին նշանն է։ Ամեն բան կփոխվի, պարոնայք, և շատ արագ։ Հավատացնում եմ ձեզ։

Մենք դրանում իսկի չենք էլ կասկածում, ― ասաց Չարուշնիկովը, փքվելով։

― Եվ հիանալի է, որ չեք կասկածում։ Ձեր կարծի՞քը, պարոն Կիսլյարսկի։ Եվ ձե՞րը, երիտասարդներ։

Նիկեշան և Վլադյան իրենց ամբողջ տեսքով համոզվածություն արտահայտեցին արագ փոփոխությունների նկատմամբ։ Իսկ Կիսլյալրսկին «Բիստրոուփակ» առևտրական ֆիրմայի տիրոջ խոսքերից այնպես հասկանալով, որ ինքը ոչ մի անմիջական մասնակցություն չի ունենալու զինված ընդհարումներին, ուրախացած համաձայնեց։

― Բա հիմա ի՞նչ ենք անելու, ― անհամբեր հարցրեց Վիկտոր Միխայլովիչը։

― Սպասեցե՛ք, ― ասաց Դյադևը, ― օրինակ վերցրեք պարոն Վորոբյանինովի ուղեկցից։ Ի՜նչ ճարպկություն։ Ի՜նչ զգուշություն։ Նկատեցի՞ք, թե ինչ արագությամբ գործը շուռ տվեց անապաստանների օգնության վրա։ Այդ կերպ պետք է գործենք նաև մենք։ Մենք միայն օգնում ենք երեխաներին։ Եվ այսպես, պարոնայք, նշենք թեկնածուներ։

― Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովին մենք առաջարկում ենք իբրև ազնվականության պարագլուխ, ― բացականչեցին երիտասարդները՝ Նիկեշան ու Վլադյան։

Չարուշնիկովը ներողամտաբար հազաց։

― Բա՜ն ասիք։ Նա մինիստրից պակաս չի լինի։ Վայ թե բարձր էլ լինի՝ դիկտատոր։

― Ինչե՜ր եք ասում, պարոնայք, ― ասաց Դյադևը, ― պարագլուխը տասներորդական խնդիր է։ Մենք նահանգապետի մասին պետք է մտածենք և ոչ թե պարագլխի։ Եկեք սկսենք նահանգապետից։ Ես կարծում եմ․․․

― Պարոն Դյադևին, ― ոգևորված բացականչեց Պոլեսովը։ ― Էլ ո՞վ է իր ձեռքը վերցնելու ողջ նահանգի կառավարման սանձերը։

― Ես խիստ շոյված եմ զգում այն վստահությամբ․․․ ― սկսեց Դյադևը։ Բայց այդ պահին հանկարծ հանդես եկավ կարմրատակած Չարուշնիկովը։

― Այդ հարցը, պարոնայք, ― ասաց նա ճիգ գործադրելով, ― հարկ է մի լավ քննարկել։

Բայց նա աշխատում էր չնայել Դյադևի երեսին։

«Բիստրոուպակի» տերը հպարտորեն զննում էր իր սապոգները, որոնց փայտի տաշեղներ էին կպել։

― Ես չեմ առարկում, ― արտասանեց նա, ― եկեք քվեարկենք ազնվորեն, եվրոպական ձևով՝ փակ։

Քվերարկեցին թղթիկներով։ Դյադևի օգտին տրված էր չորս ձայն։ Չարուշնիկովի՝ երկու։ Մեկը ձեռնպահ էր մնացել։ Կիսլյարսկու դեմքից երևում էր, որ նա է մնացել։ Նա չէր ուզում իր հարաբերությունները փչացնել ապագա նահանգապետի հետ, ով էլ որ լիներ։

Երբ դողդողացող Պոլեսովը հրապարակեց եվրոպական ազնիվ քվեարկության արդյունքները, սենյակում ճնշող լռություն տիրեց։ Աշխատում էին չնայել Չարուշնիկովին։ Նահանգապետության ձախորդ թեկնածուն նստել էր ասես թքակոծված։

Ելենա Ստանիսլավովնան շատ էր ցավում նրա համար։ Այդ նա էր քվեարկել նրա օգտին։

Մյուս ձայնը իր օգտին տվել էր ինքը, ընտրական գործերում փորձված Չարուշնիկովը։ Բարի Ելենա Ստանիսլավովնան անմիջապես վրա բերեց․

― Իսկ քաղաքագլուխ ես առաջարկում եմ այնուամենայնիվ ընտրել մուսյո Չարուշնիկովին։

― Իսկ ինչո՞ւ ― այնուամենայնիվ, ― հարցրեց մեծահոգի նահանգապետը։ ― Ոչ թե այնուամենայնիվ, այլ հենց նրան և ուրիշ ոչ ոքի։ Մեզ բոլորիս հայտնի է պարոն Չարուշնիկովի հասարակական գործունեությունը։

― Խնդրում ենք, ― բղավեցին բոլորը։

― Ուրեմն, ընտրությունը համարել հաստատվա՞ծ։

Թքակոծված Չարուշնիկովը կենդանացավ և նույնիսկ բողոքարկեց․

― Ոչ, ոչ, պարոնայք, ես խնդրում եմ քվեարկել։ Քաղաքագլխին նույնիսկ ավելի է անհրաժեշտ քվեարկել, քան նահանգապետին։ Եթե դուք, պարոնայք, ուզում եք ինձ վստահել, ապա խնդրում եմ, շատ եմ խնդրում քվեարկել։

Դատարկ շաքարամանի մեջ թղթիկներ գցեցին։

― Վեց ձայն կողմ, ― ասաց Պոլեսովը, ― և մեկ ձեռնպահ։

― Շնորհավորում եմ ձեզ, պարոն քաղաքագլուխ, ― ասաց Կիսլյարսկին, որի դեմքից երևում էր, որ այս անգամ էլ նա է ձեռնպահ մնացել։ ― Շնորհավորում եմ։

Չարուշնիկովը փթթեց։

― Մնում է թարմանալ, ձերդ գերազանցություն, ― ասաց նա Դյադևին։ ― Ապա մի, Պոլեսով, թռիր «Հոկտեմբեր»։ Փող ունե՞ս։

Պոլեսովը ձեռքով խորհրդավոր շարժում արեց և դուրս թռավ։ Ընտրություններն առժամանակ ընդհատեցին և շարունակեցին արդեն ընթրիքից հետո։

Ուսումնական օկրուգի հոգաբարձու նշեցին ազնվական գիմնազիայի նախկին դիրեկտոր, այժմ բուկինիստ Ռասպոպովին։ Նրան շատ գովեցին։ Միայն Վլադյան, որն երեք ըմպանակ օղի էր խմել, բողոքեց․

― Նրան չի կարելի ընտրել։ Ավարտական քննություններին նա ինձ երկու դրեց տրամաբանությունից։

Վլադայի վրա հարձակվեցին։

― Վճռական այս ժամին, ― բղավեցին նրա վրա, ― չի կարելի մտածել սեփական բարօրության մասին։ Մտածեցեք հայրենիքի մասին։

Վլադյային այնպես շուտ համոզեցին, որ ինքն անգամ քվեարկեց իրեն չարչարողի օգտին։ Ռասպոպովը ընտրվեց բոլոր ձայներով՝ մեկի ձեռնպահությամբ։

Կիսլյարսկուն առաջարկեցին բորսայի կոմիտեի նախագահի պոստը։ Նա դրա դեմ չէր առարկում, բայց քվեարկելիս համենայն դեպս ձեռնպահ մնաց։

Բոլոր ծանոթներին ու ազգականներին աչքի անցկացնլուց հետո ընտրեցին՝ ոստիկանապետին, փորձարկման պալատի վարիչին, աքցիզնուն, հարկային և գործարանային տեսուչներին, լրացրեցին օկրուգային դատախազի, դատարանի նախագահի, քարտուղարի և անդամների թափուր տեղերը, նշեցին զեմստվոյի և առևտրական վարչության նախագահներին, երեխաների հոգաբարձության նախագահին։ Ելենա Ստանիսլավովնային ընտրեցին «Մի կաթիլ կաթ» և «Սպիտակ ծաղիկ» ընկերությունների հոգաբարձուհի։ Նիկեշային և Վլադյային, նրանց ջահելության պատճառով, նշանակեցին հատուկ հանձնարարությունների աստիճանավորներ՝ նահանգապետի մոտ։

― Թո՛ւյլ տվեք, ― բացականչեց հանկարծ Չարուշնիկովը։ Նահանգապետին ամբողջ երկու աստիճանավոր։ Բա ինձ։

― Քաղաքագլխին, ― մեղմորեն ասաց նահանգապետը, ― հաստիքով հատուկ հանձնարարությունների աստիճանավոր չի հասնում։

― Այդ դեպքում քարտուղար տվեք։

Դյադևը համաձայնեց։ Աշխուժացավ և Ելենա Ստանիսլավովնան։

― Արդյոք չի՞ կարելի, ― ասաց նա վախվխելով, ― ինձ մոտ մի ջահել մարդ կա, շատ հաճելի և դաստիարակված տղա։ Տիկին Չերքեզովայի տղան․․․ Շատ, շատ հաճելի և շատ ընդունակ․․․ Նա հիմա գործազուրկ է։ Աշխատանքի բորսայումն է գրանցված։ Նույնիսկ տոմս ունի։ Նրան խոստացել են մոտ օրերս միության մեջ ընդունել․․․ Արդյոք չէի՞ք կարող վերցնել նրան ձեզ մոտ։ Մայրը շատ շնորհակալ կլինի։

― Թերևս, կարելի է վերցնել, ― գթասրտորեն ասաց Չարուշնիկովը, ― ի՞նչ կարծիքի եք այդ մասին, պարոնայք։ Լավ։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, կհաջողվի։

― Ինչ կա որ, ― նկատեց Դյադևը, ― կարծես, ընդհանուր գծերով․․․ վե՛րջ։ Ամեն ինչ կարծես վերջացրինք։

― Բա ե՞ս, ― հանկարծ լսվեց բարակ, հուզող մի ձայն։

Բոլորը շուռ եկան։ Անկյունում, թութակի կողքին կանգնել էր սաստիկ վրդովված Պոլեսովը։ Վիկտոր Միխայլովիչի սև կոպերի վրա արցունքներ էին երևում։ Բոլորն ամաչեցին։ Հյուրերը հանկարծ հիշեցին, որ խմում են Պոլեսովի օղին, և որ նա ընդհանրապես «Սրի ու խոփի» Ստարգորոդի բաժանմունքի գլխավոր կազմակերպիչներից մեկն է։

Ելենա Ստանիսլավովնան ձեռքը տարավ քունքերին և վախեցած ճչաց։

― Վի՛կտոր Միխայլովիչ, ― հեծեցին բոլորը։ ― Աղավնյա՜կս։ Սիրելի՜ս։ Ինչպես չեք ամաչում։ Ախր ինչու եք կանգնել անկյունում։ Մոտ եկեք անմիջապես։

Պոլեսովը մոտեցավ։ Նա տանջվում էր։ Նա սրի ու խոփի իր ընկերներից այդպիսի անհոգիություն չէր սպասում։

Ելենա Ստանիսլավովնան չհամբերեց․

― Պարոնա՛յք, ― ասաց նա, ― զարհուրելի բան է սա։ Ինչպե՞ս կարող էիք դուք մոռանալ մեզ բոլորիս սիրելի Վիկտոր Միխայլովիչին։

Նա վեր կացավ և համբուրեց արիստոկրատ փականագործի մրոտ ճակատը։

― Մի՞թե, պարոնայք, Վիկտոր Միխայլովիչը չի կարող լինել ուսումնական օկրուգի հոգաբարձու կամ ոստիկանապետ։

― Դե իհարկե, նա հիանալի, մարդասեր հոգաբարձու կլինի, ― պաշտպանեց քաղաքագլուխը, սունկ կուլ տալով և կնճռոտվելով։

― Բա Ռասպոպո՞վը, ― նեղացած ծոր տվեց Վիկտոր Միխայլովիչը։ ― Չէ՞ որ դուք արդեն նշանակել եք Ռասպոպովին։

― Հա, իսկապես, ի՞նչ ենք անելու Ռասպոպովին։

― Հրշեջապետ։ Հը՞․․․

― Հրշեջապետ, ― հուզվեց հանկարծ Վիկտոր Միխայլովիչը։

Մի ակնթարթում նրա աչքերի առջև ծագեցին հրշեջ կառքեր, կրակների ցոլք, շեփորների հնչյուն ու թմբուկի կտկտոց։ Փայլատակեցին կացինները, ճոճվեցին ջահերը, գետինը պատառոտվեց և սևաթույր վիշապները սլրացրին նրան քաղաքային թատրոնի հրդեհավայրը։

― Հրշեջապե՞տ։ Ես ուզում եմ լինել հրշեջապետ։

― Ա՜յ հիանալի բան։ Շնորհավորում եմ ձեզ։ Այսուհետև դուք հրշեջապետ եք։

― Հրշեջ դրուժինայի ծաղկման կենացը, ― հեգնորեն ասաց բորսային կոմիտեի նախագահը։

Բոլորը հարձակվեցին Կիսլյարսկու վրա։

― Դուք միշտ էլ ձախ եք եղել։ Գիտենք ձեզ։

― Պարոնայք, ի՞նչ ձախ եմ ես։

― Գիտենք, գիտենք․․․

― Ձախ եք։

― Բոլոր հրեաները ձախ են։

― Աստված վկա, պարոնայք, ես ձեր այդ կատակը չեմ հասկանում։

― Ձախ եք, ձախ, մի թաքցրեք։

― Գիշերները քնում և երազում Միլյուկովին է տեսնում։

― Կադե՛տ։ Կադե՛տ։

― Կադետները Ֆինլյանդիան ծախեցին, ― մռնչաց հանկարշ Չարուշնիկովը, ― ճապոնացիներից փող վերցրին։ Հակերով լցրեցին։

Կիսլյարսկին չդիմացավ անհիմն մեղադրանքների հեղեղին։ Բորսային կոմիտեի դժգույն նախագահը, աչքերը փայլեցնելով, բռնեց աթոռի մեջքից և զրնգուն ձայնով ասաց․

― Ես միշտ էլ օկտյաբրիստ եմ եղել և այդպիսին էլ կմնամ։

Սկսեցին տնտղել, թե ով ինչ պարտիայի է համակրում։

― Պարոնայք, ամենից առաջ դեմոկրատիա, ― ասաց Չարուշնիկովը, ― մեր քաղաքային ինքնավարությունը դեմոկրատական է լինելու։ Բայց առանց կադետների։ Նրանք մեզ բավականաչափ մուռտառեցին տասնյոթ թվականին։

― Հուսով եմ, ― թունոտ հետաքրքրվեց նահանգապետը, ― որ մեր մեջ չկան այսպես կոչված սոցիալ֊դեմոկրատներ։

Օկտյաբրիստներից ձախ, որոնց նիստում ներկայացնում էր Կիսլյարսկին, ոչ ոք չկար։ Չարուշնիկովն իրեն հայտարարեց «կենտրոն»։ Ամենաաջ թևում կանգնած էր հրշեջապետը։ Նա այնքան աջ էր, որ նույնիսկ չգիտեր, թե որ պարտիային է պատկանում։

Խոսք բացվեց պատերազմի մասին։

― Էսօր֊էգուց, ― ասաց Դյադևը։

― Պատերազն կլինի, կլինի։

― Խորհուրդ եմ տալիս որոշ բան մթերել, քանի դեռ ուշ չէ։

― Դուք կարծո՞ւմ եք, ― անհանգստացավ Կիսլյարսկին։

― Իսկ դուք ի՞նչ եք ենթադրում։ Կարծում եք, թե պատերազմի ժամանակ հնարավոր կլինի՞ որևէ բան ճարել։ Ալյուրն անմիջապես շուկայից կվերանա։ Արծաթյա դրամները գետնի տակ կանցնեն, հրապարակ կգան ամեն տեսակ թղթադրամներ, հավասար շրջանառություն ունեցող փոստային դրոշմանիշներ և զանազան նման բաներ։

― Պատերազմը վճռված բան է։

― Դուք ձեր գիտցածի պես վարվեք, ― ասաց Դյադևը, ― իսկ ես իմ բոլոր ազատ միջոցները դնելու եմ առաջին անհրաժեշտության առարկաներ գնելու։

― Իսկ ձեր մանուֆակտուրայի գոր՞ծը։

― Մանուֆակտուրան ինքնըստինքյան, իսկ ալյուրն ու շաքարը իրենց հերթին։ Այնպես, որ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։ Խորհուրդ եմ տալիս համառորեն։

Պոլեսովը քմծիծաղ տվեց։

― Բա բոլշևիկներն ինչպե՞ս են կռվելու։ Ինչո՞վ։ Ինչո՞վ են կռվելու։ Հին հրացաններո՞վ։ Բա օդային նավատո՞րմը։ Ինձ մի նշանավոր կոմունիստ ասում էր, թե իրենք, ― հը ինչ եք կարծում, ― որքա՞ն սավառնակ ունեն։

― Երկու հարյուր հատ։

― Երկու հարյո՞ւր։ Ոչ թե երկու հարյուր, այլ երեսուներկու։ Իսկ Ֆրանսիան ութսուն հազար մարտական սավառնակ ունի։

― Ցրվեցին կես գիշերից ուշ։

― Դա՜֊ա․․․ Ի՜նչ օրի հասցրին բոլշևիկները։

Նահանգապետը գնաց ճանապարհ դնելու քաղաքագլխին։ Երկուսն էլ չափազանցված համաչափ էին քայլում։

― Նահանգապե՜տ, ― ասում էր Չարուշնիկովը։ ― Ի՜նչ նահանգապետ ես դու, երբ գեներալ չես։

― Ես քաղաքացիական գեներալ կլինեմ, իսկ դու նախանձո՞ւմ ես։ Երբ ուզենամ քեզ կբանտարկեմ։ Կնստես ինձ մոտ։

― Ինձ չի կարելի նստեցնել։ Ես քվեարկված եմ, վստահությամբ եմ օժտված։

― Մեկ քվեարկված դիմաց երկու քվեարկված են տալիս։

― Խնդրում եմ ինձ հետ կատակներ չանել, ― բղավեց հանկարծ Չարուշնիկովը փողոցով մեկ։

― Ի՞նչ ես գոռում, հիմար, ― հարցրեց նահանգապետը։ ― Ուզում ես գիշերել միլիցիայո՞ւմ։

― Ինձ չի կարելի գիշերել միլիցիայում, ― պատասխանեց քաղաքագլուխը, ― ես սովետական ծառայող եմ․․․

Մի աստղ էր փայլում։ Կախարդական գիշեր էր։ Երկրորդ Սովետական փողոցի վրա շարունակվում էր վեճը նահանգապետի և քաղաքագլխի միջև։

Սևիլյայից մինչ Գրենադա

Ներեցե՛ք, իսկ ո՞ւր է տեր Ֆյոդորը։ Ո՞ւր է Ֆրոլ և Լավր եկեղեցու խուզված քահանան։ Նա, կարծես, պատրաստվում էր գնալու Վինոգրադնայա փողոցի N 34 տունը քաղաքացի Բռունսի մոտ։ Որտե՞ղ է հրեշտակի կերպարանքով այդ գանձ որոնողը, որը ոխերիմ թշնամին է այժմ մութ միջանցքում անկիզելի պահարանի մոտ հերթապահող Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովի։

Անհետացել էր տեր Ֆյոդորը։ Ֆռռացնում էր նրան սատանան։ Ասում էին, թե նրան տեսել են Դոնի երկաթուղու Պոպասնայա կայարանում։ Կառամատույցով վազում էր նա եռած ջրով թեյնիկը ձեռքին․․․

Քաղցել էր տեր Ֆյոդորը։ Հարստություն էր տենչում։ Թափառում էր նա բովանդակ Ռուսաստանում, փնտրելով գեներալշա Պոպովայի գարնիտուրը, որի մեջ, պետք է խոստովանել ոչինչ էլ չկար։

Ման է գալիս Ռուսաստանում տեր Ֆյոդորը։ Միայն նամակներ է գրում կնոջը։

Տեր Ֆյոդորի նամակը
Գրված Խարկովում, կայարանում
Գավառական N քաղաք՝ իր կնոջը

Հոգյա՛կդ իմ, Կատերինա Ալեքսանդրովնա։

Ես շատ ու շատ մեղավոր եմ քո առջև։ Այսպիսի ժամանակ թողել եմ քեզ, խեղճուկրակիդ, մեն֊մենակ։

Ամեն բան պատմելու եմ քեզ։ Դու ինձ կհասկանաս և, կարելի է հուսալ, որ կհամաձայնես։

Ես, իհարկե, ոչ մի կենդանի եկեղեցականի մոտ չեմ գնացել և մտքովս էլ չի անցել գնալ, և թող աստված փրկի ինձ դրանից։

Հիմա կարդա ուշադիր։ Շուտով մենք այլ կերպ կապրենք։ Հիշո՞ւմ ես, քեզ ասում էի մոմի գործարանի մասին։ Կլինի շուտով դա էլ և դեռ, կարող է պատահել, ուրիշ բաներ էլ։ Եվ դու արդեն ստիպված չես լինի ամեն օր ճաշ եփել և բացի դա ճաշողներ պահել։ Կգնանք Սամարա և սպասուհի կվարձենք։

Այսպիսի բան կա, բայց դու գաղտնի պահիր ասածներս և ոչ ոքի, նույնիսկ Մարիա Իվանովնային մի ասա։ Ես գանձ եմ որոնում։ Հիշո՞ւմ ես, հանգուցյալ Կլավդյա Իվանովնա Պետուխովային, Վորոբյանինովի զոքանչին։ Մահվանից առաջ Կլավդյա Իվանովնան ինձ խոստովանեց, թե իր տանը, Ստարգորոդում, հյուրասենյակի աթոռներից մեկի մեջ (դրանք բոլորը տասներկու հատ են) թաքցված են իր ադամանդները։

Դու Կատենկա, չկարծես, թե ես գողի մեկն եմ։ Այդ ադամանդները նա կտակել է ինձ և պատվիրել է պահպանել Իպոլիտ Մատվեևիչից, իր վաղեմի տանջողից։

Ահա թե ինչու ես քեզ, խեղճուկրակիդ, այդպես անսպասելի կերպով լքեցի։

Դու ինձ բնավ մի մեղադրիր։

Եկա ես Ստարգորոդ և, պատկերացրու, այդ քաֆթառ կնասերը ևս հայտնվեց այնտեղ։ Մի կերպ իմացել է։ Երևում է, պառավին մահվանից առաջ տանջաքննել է։ Սարսափելի մարդ է։ Նրա հետ էլ ինչ֊որ մի քրեական հանցավոր է ման գալիս՝ բանդիտ է վարձել իր համար։ Նրանք ուղղակի հարձակվեցին վրաս, ուզում էին վերացնել երկրի երեսից։ Բայց ես նրանց ասածներիցը չեմ, թող բերանս մատ չկոխեն, անձնատուր չեղա։

Սկզբում ես սխալ ճանապարհով գնացի։ Միայն մի աթոռ գտա Վորոբյանինովի տանը (այնտեղ հիմա աստվածահաճո հիմնարկ է)։ Այդ կահույքը տանում էի «Սորբոնի» իմ համարը, և հանկարծ մի մարդ անկյունից առյուծի պես մռնչալով հարձակվեց վրաս և բռնեց աթոռից։ Քիչ մնաց բանը կռվի հասներ։ Ինձ խայտառակել էին ուզում։ Հետո մի լավ նայեցի, տեսնեմ ի՜նչ՝ Վորոբյանի՛նովը։ Սափրվել է, պատկերացրու, գլուխն էլ մերկացրել է, աֆերիստը, օր ծերության ամոթ խայտառակություն։

Աթոռը ջարդոտեցինք՝ մեջը ոչինչ չկար։ Էդ ես հետո հասկացա, որ սխալ ճանապարհով եմ գնում։ Իսկ այն պահին շատ վշտացա։

Խիստ վիրավորանք զգացի և ամբողջ ճշմարտությունը այդ անբարոյականի երեսովը տվեցի։

«Ի՜նչ խայտառակություն, ասում եմ, հիմա Ռուսաստանում, որ ազնվականության պարագլուխը հանց առյուծ հարձակվում է քահանայագործ պաշտոնյայի վրա և կշտամբում է անկուսակցականության համար։ Դուք, ասում եմ, ստոր մարդ եք, Կլավդյա Իվանովնայի տանջողը և ուրիշի բարիքի ետևից ընկնողը, բարիք, որն հիմա պետական է, քոնը չէ»։

Ամաչեց և հեռացավ ինձանից, գնաց, երևի, հասարակաց տուն։

Իսկ ես գնացի «Սորբոնի» իմ համարը և սկսեցի խորհրդածել հետագա պլանի մասին։ Ես հասկացա մի բան, որ այդ սափրված հիմարի մտքովն անգամ չի անցնի․ ես որոշեցի գտնել այն մարդուն, որը բաշխել է բռնագրավված կահույքը։ Պատկերացրու, Կատենկա, զուր չէ, որ ես իրավաբանական ֆակուլտետումն էի սովորել ― այսօր պետք եկավ։ Ես գտա այդ մարդուն։ Հենց մյուս օրն էլ գտա։ Վարֆոլոմեիչը շատ օրինավոր ծերուկ է։ Ապրում է իր պառավ տատիկի հետ և ծանր աշխատանքով իր հացն է վաստակում։ Նա ինձ բոլոր փաստաթղթերը տվեց։ Ստիպված էի, ճիշտ է, վարձատրել նման ծառայությունը։ Մնացի առանց փող (բայց այդ մասին հետո)։ Պարզվեց, որ Վորոբյանինովների տան հյուրասենյակի բոլոր տասներկու աթոռն էլ ընկել են ինժեներ Բռունսի ձեռքը, որն ապրում է Վինոգրադնայա փողոցի N 34 տանը։ Նկատի առ, որ բոլոր աթոռները ընկել են մի մարդու ձեռք, մի բան, որ ես բնավ չէի սպասում (վախենում էի, թե աթոռները տարբեր տեղեր կընկնեն)։ Ես շատ ուրախացա դրա համար։ Այստեղ հենց «Սորբոնում» դարձյալ հանդիպեցի այս սրիկա Վորոբյանինովին։ Մի լավ շշպռեցի նրան և նրա բանդիտ ընկերոջն էլ չխնայեցի։ Շատ էի վախենում, թե նրանք կիմանան իմ գաղտնիքը, և հյուրանոցում թաքնված մնացի այնքան ժամանակ, մինչև որ նրանք գնացին։

Բանից դուրս է գալիս, որ Բռունսը 1923 թվականին Ստարգորոդից մեկնել է Խարկով, ուր նրան ծառայության են նշանակել։ Դռնապանից իմացա, որ նա իր հետ տարել է ողջ կահույքը և շատ լավ էլ պահում է։ Ասում են շատ ծանրաբարո մարդ է։

Հիմա նստած Խարկովի կայարանում գրում եմ քեզ ահա թե ինչ առիթով։ Նախ և առաջ քեզ շատ եմ սիրում և միշտ հիշում եմ, իսկ երկրորդ, Բռուսնը արդեն այստեղ չէ։ Բայց դու մի վշտանա։ Բռունսը այժմ աշխատում է Ռոստովում, ինչպես իմացա՝ «Նովոռոսցեմենտում»։ Փողս ճանապարհին հազիվ հերիքի։ Մի ժամ հետո մեկնում եմ ապրանքա֊մարդատար գնացքով։ Իսկ դու, իմ բարի տիրուհիս, անցիր, խնդրում եմ, փեսիս մոտ, վերցրու նրանից հիսուն ռուբլի (նա ինձ պարտք է և խոստացել է տալ) և ուղարկիր Ռոստով․ գլխավոր փոստատուն, ցպահանջ, Ֆյոդոր Իվանովիչ Վոստրիկովին։ Խնայողության նկատառաումներով փոխադրիր փոստով։ Կարժենա երեսուն կոպեկ։

Ի՞նչ կա մեր քաղաքում։ Ի՞նչ նորություններ։

Կոնդրատևնան եղա՞վ քեզ մոտ։ Տեր Կիրիլին ասա, որ շուտով կվերադառնամ․ իբր գնացել եմ Վորոնեժ՝ մեռնող մորաքրոջս մոտ։ Միջոցները տնտրսիր։ Եվստիգնևը դեռ ճաշո՞ւմ է։ Բարևիր նրան իմ կողմից։ Ասա, որ գնացել եմ մորաքրոջս մոտ։

Եղանակներն ինչպե՞ս են։ Այստեղ, Խարկովում, բոլորովին ամառ է։ Աղմկոտ քաղաք է, Ուկրաինական հանրապետության կենտրոնը։ Գավառից հետո, թվում է, թե արտասահման ես ընկել։

Արա․

1) Իմ ամառվա փարաջան տուր մաքրելու (լավ է 3 ռ․ մաքրելու տանք, քան թե նորը առնենք)։ 2) Պահպանիր առողջությունդ։ 3) Գուլենկային գրելու կլինես, ի միջի այլոց հիշատակիր, թե ես իբր Վորոնեժ եմ գնացել մորաքրոջս մոտ։

Իմ կողմից բարևիր բոլորին։ Ասա, որ շուտով կվերադառնամ։

Քնքուշ համբուրում եմ, գրկում ու օրհնում․

Քո ամուսին Ֆեդյա։

Նոտա֊բենե․ ո՞ր տեղերն է հիմա շրջում Վորոբյանինովը։

Սերը չորացնում է մարդուն։ Ցուլը կրքից բառաչում է։ Աղաքաղը տեղ չի գտնում իր համար։ Ազնվականության պարագլուխը կորցնում է ախրոժակը։

Օստապին և ուսանող Իվանոպուլոյին թողնելով պանդոկում, Իպոլիտ Մատվեևիչը ներխուժեց վարդագույն տնակը և դիրք գրավեց անկիզելի պահարանի մոտ։ Նա լսում էր Կաստիլիա մեկնող գնացքների աղմուկը և հեռացող շոգենավերի ճղփյունը։

Հեռուներում Ալպուխարի
Ոսկյա լեռներն եմ մարում։

Սիրտը տրոփում էր ճոճանակի պես։ Ականջներում տկտկում էր։

Իմ կիթառի ձայնին արի,
Իմ սիրելի, իմ սիրուն։

Միջանցքով մեկ տագնապ էր անցնում։ Ոչ մի բան չէր կարող ջերմացնել անկիզելի պահարանի սառնությունը։

Հնչում է միշտ սերենադա,
Եվ սուսերներն են շաչում․․․

Մի խոսքով, Իպոլիտ Մատվեևիչը ծայր աստիճանի սիրահարվել էր Լիզա Կալաչովային։

Շատերը միջանցքով անցնում էին Իպոլիտ Մատվեևիչի կողքով, բայց նրանցից փչում էր թութունի, օղու, դեղատան կամ ամենօրյա շչչի հոտ։ Միջանցքի խավարի մեջ մարդկանց կարելի էր տաբերել միայն հոտով կամ քայլքի ծանրությամբ։ Լիզան չէր անցնում։ Իպոլիտ Մատվեևիչը համոզված էր դրանում։ Լիզան չէր ծխում, օղի չէր խմում և պայտած սապոգներ չէր հագնում։ Յոդի կամ մեծաձկան գլխի հոտ չէր կարող փչել նրանից։ Նրանից կարող էր առաջանալ միայն բրնձե խաշիլի հոտ կամ լավ պատրաստած խոտի, որով տիկին Նորդման֊Սևերովան երկար ժամանակ կերակրում էր ականավոր նկարիչ Իլյա Րեպինին։

Բայց ահա լսվեցին թեթև, անվստահ ոտնաձայներ։ Մեկը գալիս էր միջանցքով, կպչելով նրա էլաստիկ պատերին և անուշ֊անուշ քրթմնջալով։

― Այդ դո՞ւք եք, Ելիզավետա Պետրովնա, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը զեփյուռի ձայնով։

Ի պատասխան թավ ձայնով հարցրին․

― Ասացեք խնդրեմ, որտե՞ղ են ապրում Պֆեֆերկորնները։ Այս մթության մեջ ոչինչ ջոկել չի լինում։

Իպոլիտ Մատվեևիչը վախեցած լռեց․ Պֆեֆերկորններին փնտրողը տարակուսանքով սպասեց պատասխանի և, չստանալովմ առաջ սողաց։

Լիզան եկավ միայն ժամը իննի մոտերքը։ Նրանք դուրս եկան փողոց, երեկոյան կարմրա֊կանաչ երկնքի տակ։

― Որտե՞ղ ենք զբոսնելու, ― հարցրեց Լիզան։

Իպոլիտ Մատվեևիչը նայեց նրա սպիտակ ու պայծառ դեմքին և փոխանակ շիտակորեն ասելու՝ «Այստեղ եմ, Ինեզիլիա, պատուհանիդ տակ», սկսեց երկար ու բարակ խոսել այն մասին, թե վաղուց չի եղել Մոսկվայում և որ իր Փարիզը անհամեմատ լավն է սպիտակաքար Մոսկվայից, որը, ինչքան էլ դես ու դեն ընկնես, մնում է որպես անսիստեմ պլանավորված մեծ գյուղ։

― Ես հիշում եմ Մոսկվան, Ելիզավետա Պետրովնա, ոչ այսպիսին։ Հիմա ամեն բանում գձուծություն է նկատվում։ Իսկ մենք ժամանակին փող չէինք խնայում։ «Կյանքում ապրում ենք մի անգամ», այսպիսի մի երգ կա։

Անցան ամբողջ Պրեչիստենսկու բուլվարը և դուրս եկան առափնյա փողոցը, Փրկչի տաճարի մոտերքը։

Մոսկվորեցկի կամուրջից դենը ձգվում էին սևագորշ աղվեսների պոչեր։ Մոզէսի էլեկտրակայաններն էին ծխում էսկադրայի պես։ Տրամվայները գլորվելով անցնում էին կամուրջի վրայով։ Գետի վրա նավակներ էին լողում։ Թախծոտ նվագում էր հարմոնը։

Լիզան, Իպոլիտ Մատվեևիչի ձեռքը բռնած, պատմեց իր բոլոր դառնությունների մասին։ Ամուսնու հետ գժտվելու, ականջ դնող հարևանների՝ նախկին քիմիկոսների՝ շրջապատում դժվարին կյանքի և վեգետարյան ճաշերի միօրինակության մասին։

Իպոլիտ Մատվեևիչը լսում և խորհրդածում էր։ Դևեր էին արթնանում նրա մեջ։ Հիանալի մի ընթրիք էր պատկերանում իրեն։ Նա եկավ այն եզրակացության, որ նման աղջկան որևէ բանով շշմեցնել է պետք։

― Գնանք թատրոն, ― առաջարկեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Լավ է կինո, ― ասաց Լիզան, ― կինոն էժան է։

― Օ՜, փողն ինչ գործ ունի այստեղ։ Այսպիսի գիշեր և հանկարծ ինչ֊որ փող։

Բոլորովին մոլեգնած դևերը, առանց սակարկելու, կառք նստեցրին զույգին և տարան կինո «Սրս»։ Իպոլիտ Մատվեևիչը հոյակապ վիճակումն էր։ Նա վերցրեց ամենաթանկ տոմսերը։ Սակայն մինչև սեանսի վերջը չհամբերեցին։ Լիզան սովոր էր նստել մոտ՝ էժանանոց տեղերում և երեսունչորսերորդ թանկանոց կարգից վատ էր տեսնում։

Իպոլիտ Մատվեևիչի գրպանումն էր Ստարգորոդի դավադիրներից կոնցեսիոներների ստացած գումարի կեսը։ Դա մեծ փող էր ճոխությունից ետ սովորած Վորոբյանինովի համար։ Այժմ, թեթև սիրո հնարավորությունից հուզված, նա պատրաստվում էր շլացնել Լիզային լայնաթափությամբ։ Նա իրեն հիանալի նախապատրաստված էր զգում դրա համար։ Նա հպարտությամբ մտաբերեց, թե մի ժամանակ ինչ հեշտությամբ նվաճեց գեղեցկուհի Ելենա Բոուրի սիրտը։ Հեշտ ու շռայլ փող ծախսելու սովորությունը հատուկ էր նրան։ Ուզածդ դամայի հետ խոսելու հմտությամբ և դաստիարակությամբ նա հռչակված էր Ստարգորոդում։ Նրան ծիծաղելի էր թվում իր ողջ հնառեժիմ շուքը մի փոքրիկ սովորական աղջկա վրա ծախսելը, մանավանդ, որ այդ աղջիկը մի կարգին բան ոչ տեսել էր, ոչ գիտեր։

Կարճ հորդորանքից հետո Իպոլիտ Մատվեևիչը Լիզային տարավ Մոսսպառկոոպի օրինակելի «Պրագա» ճաշարանը ― Մոսկվայի ամենալավ տեղը», ինչպես ասում էր նրան Բենդերը։

«Պրագան» ապշեցրեց Լիզային հայելիների, լույսի ու ծաղկամանների առատությամբ։ Լիզային դա ներելի էր․ նա դեռ երբեք չէր այցելել օրինակելի֊ցուցադրական մեծ ռեստորանները։ Բայց հայելապատ դահլիճը բոլորովին անսպասելիորեն ապշեցրեց Իպոլիտ Մատվեևիչին։ Նա ետ էր մնացել, մոռացել էր ռեստորանային կաղութաձևը։ Այժմ նա բոլորովին ամաչում էր իր քառակուսի քթով բարոնական սապոգներից, կտորներից կարած մինչպատերազմյան շալվարից և արծաթե աստղերով պատած լուսնկա ժիլետից։

Երկուսն էլ շփոթվեցին և քարացան բավականին խայտաբղետ հասարակության աչքերի առջև։

― Անցնենք այն անկյունը, ― առաջարկեց Վորոբյանինովը, թեև հենց էստրադայի մոտերքը, որտեղ նվագախումբը հերթական պոպուրին էր սղոցում «Բայադերայից», ազատ սեղաններ կային։

Լիզան արագ համաձայնեց, զգալով, որ բոլորը նայում են իր վրա։ Նրան շփոթված հետևեց աշխարհիկ առյուծ և կանանց նվաճող Վորոբյանինովը։ Աշխարհիկ առյուծի մաշված շալվարը պարկի պես կախվել էր նիհար հետույքից։ Կանանց նվաճողը կուչ եկավ և, որպեսզի հաղթահարի շփոթվածությունը, սկսեց տրորել պենսնեն։

Ոչ ոք չմոտեցավ սեղանին։ Այդ բանը չէր սպասում Իպոլիտ Մատվեևիչը։ Եվ նա, փոխանակ քաղաքավարի կերպով զրուցելու իր դամայի հետ, լուռ տանջվում էր, մոխրամանով անհամարձակ թխկթխկացնում սեղանին և անվերջ հազում։ Լիզան հետաքրքրությամբ նայում էր շուրջը, լռությունը անբնական էր դառնում։ Բայց Իպոլիտ Մատվեևիչը ոչ մի խոսք չէր կարողանում ասել։ Նա մոռացել էր, թե նման դեպքերում ինչի մասին էր միշտ խոսում։

― Բարի եղեք, ― կանչում էր նա կողքից սլացող ժողսննդի աշխատաողներին։

― Է՛ս սհաթիս, ― վազելիս բղավում էին մատուցողները։

― Վերջապես բերեցին ճաշաքարտը։ Իպոլիտ Մատվեևիչը թեթևություն զգալով, խորացավ նրա մեջ։

― Օհո՜, ― փնթփնթաց նա, ― հորթի կոտլետը՝ երկուս ու քսանհինգ, սուկին՝ երկուս ու քսանհինգ, օղին՝ հինգ ռուբլի։

― Հինգ ռուբլով մի մեծ գրաֆին, ― հայտնեց մատուցողը, անհամբեր շուրջը նայելով։

«Ի՞նչ է պատահել ինձ հետ, ― սարսափում էր Իպոլիտ Մատվեևիչը։ ― Ես ծիծաղելի եմ դառնում»։

― Համեցեք, խնդրեմ, ― ասաց նա Լիզային ուշացած քաղաքավարությամբ։ ― Կհաճե՞ք ընտրել։ Ի՞նչ ենք ուտելու։

Լիզան ամաչում էր։ Նա տեսավ, թե մատուցողը ինչ հպարտությամբ նայեց իր ուղեկցին և հասկացավ, որ նա ինչ֊որ բան տեղին չի անում։

― Ես իսկի ուտել չեմ ուզում, ― ասաց նա դողդոջուն ձայնով։ ― Կամ թե չէ․․․ Ասացեք, ընկեր, որևէ վեգետարյան բան չունե՞ք արդյոք։

Մատուցողը ձիու պես սկսեց դոփել։

― Վեգետարյան չենք ունենում։ Գուցե վետչինայով ձվածե՞ղ ուտեք։

― Այդ դեպքում ահա թե ինչ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, սիրտ անելով, ― տվեք մեզ սոսիսկի։ Դուք հո սոսիսկի կուտեք, այնպես չէ՞, Ելիզավետա Պետրովնա։

― Կուտեմ։

― Այսպես, ուրեմն։ Սոսի՛սկի։ Այ սա՝ մի ռուբլի քառասունհինգ բաժինը։ Եվ մի շիշ օղի։

― Գրաֆինով կլինի։

― Այդ դեպքում մեծ գրաֆին։

Ժողսննդի աշխատողը ջինջ աչքերով նայեց անօգնական Լիզային։

― Օղու վրա ի՞նչ եք ուտելու։ Թարմ խավիա՞ր։ Սաղմո՞ն։ Կարկանդա՞կ։

Իպոլիտ Մատվեևիչի ներսում շարունակում էր փոթորկել զագսի աշխատողը։

― Հարկավոր չէ, ― տհաճ կոպտությամբ ասաց նա։ ― Ի՞նչ արժե թթու վարունգը։ Դե լավ, երկու հատ տվեք։

Մատուցողը վազեց և սեղանի շուրջը դարձյալ լռություն տիրեց։ Առաջինը խոսքը բացեց Լիզան․

― Ես երբեք այստեղ չեմ եղել։ Այստեղ շատ հաճելի է։

― Հա՜, ― ծոր տվեց Իպոլիտ Մատվեևիչը, հաշվելով պատվիրածի արժեքը։

«Ոչինչ, ― մտածում էր նա, ― օղի խմեմ՝ կբացվեմ։ Թե չէ, իրոք որ մի տեսակ անհարմար է»։

Բայց երբ օղի խմեց և վրայից վարունգ կերավ, ոչ թե բացվեց, այլ ավելի մռայլվեց։ Լիզան չէր խմում։ Լարվածությունը չէր անցնում։ Այդ դեռ քիչ էր, սեղանին մոտեցավ մի մարդ և, սիրալիր նայելով Լիզային, առաջարկեց ծաղիկներ գնել։

Իպոլիտ Մատվեևիչը ձևացրեց, թե չի նկատում բեղավոր ծաղկավաճառին, բայց վերջինս չէր հեռանում։ Նրա ներկայությամբ միանգամայն անհնարին էր սիրալիր խոսք ասել։

Դրությունը փրկեց համերգի ծրագիրը։ Բեմ դուրս եկավ թմփլիկ մի տղամարդ՝ վիզիտկայով և լաքած տուֆլիներով։

― Եվ ահա մենք կրկին տեսնվեցինք ձեզ հետ, ― սանձարձակ տոնով ասաց նա հանդիսականներին։ ― Համերգային ծրագրի հետևյալ համարով հանդես կգա ռուսական ժողովրդական երգերի համաշխարհային կատարոհուղի, Մարյինա ռոշչայում լավ հայտնի Վառվառա Իվանովնա Գոդլևսկայան։ Վառվառա Իվա՛նովնա, խնդրե՛մ։

Իպոլիտ Մատվեևիչը լուռ օղի էր խմում։ Քանի որ Լիզան չէր խմում և շարունակ ձգտում էր տուն գնալ, պետք էր շտապել, որպեսզի խմեր ողջ գրաֆինը։

Երբ բեմ դուրս եկավ Մարյինա ռոշչայում հայտնի երգչուհուն փոխարինող, թավշյա տոլստովկայով կուպլետիստը և երգեց․

Քայլո՛ւմ եք,
Շրջում ամենուր,
Ասես ձեր այդ կույրաղիքը
Կուշտ կլինի ձեր քայլելուց։

Քայլո՛ւմ եք,
Տա֊րա֊րա֊րա, ―

Իպոլիտ Մատվեևիչն արդեն կարգին հարբել էր և, օրինակելի ճաշարանի բոլոր այցելուների հետ, որոնց դեռ կես ժամ առաջ սովետական գծուծ ու բռի բանդիտներ էր համարում, տակտով ծափահարում և ձայնակցում էր․

Քայլո՛ւմ եք,
Տա֊րա֊րա֊րա՛․․․

Նա հաճախ վեր էր թռչում տեղից և, առանց ներողություն խնդրելու, գնում էր զուգարան։ Հարևան սեղանները նրան արդեն քեռի էին անվանում և հրավիրում մի գավաթ գարեջուր խմելու։ Բայց նա չէր գնում։ Հանկարծ նա դարձավ հպարտ ու կասկածամիտ։ Լիզան վճռականորեն վեր կացավ սեղանից։

― Ես կգնամ։ Իսկ դուք մնացեք։ Ինքս տուն կհասնեմ։

― Չէ, ինչո՞ւ։ Որպես ազնվական չեմ կարող թույլ տալ։ Սինյո՛ր։ Հաշի՛վը։ Գյադանե՛ր․․․

Իպոլիտ Մատվեևիչը երկար նայեց հաշվին, աթոռի վրա օրորվելով։

― Ինը ռուբլի քսան կոպե՞կ, ― փնթփնթում էր նա։ ― Գուցե պետք է տալ և այն սենյակի բանալի՞ն, որտեղ փող կա դրված։

Վերջացավ նրանով, որ Իպոլիտ Մատվեևիչին կռնատակերից զգուշությամբ բռնած իջեցրին ներքև։ Լիզան փախչել չէր կարող, որովհետև հանդերձարանի համարը բարձրաշխարհիկ առյուծի մոտ էր։

Հենց առաջին նրբանցքում Իպոլիտ Մատվեևիչը ուսով հենվեց Լիզային և սկսեց ձեռք գցել։ Լիզան լուռումունջ պոկվում էր նրանից։

― Լսեցե՛ք, ― ասում էր Լիզան։ ― Լսեցե՛ք։ Լսեցե՛ք։

― Գնանք համարները, ― համոզում էր Վորոբյաննինովը։

Լիզան զոռով ազատվեց և, առանց չափ ու ձև անելու, բռունցքով խփեց կանանց սրտերը նվաճողի քթին։ Ոսկյա աղեղով պենսնեն անմիջապես ցած գլորվեց և, ընկնելով բարոնական սապոգների քառակուսի քթի տակ, փշուր֊փշոիր եղավ։

Գիշերվա հովն է
Գգվում երկինքը․․․

Լիզան արցունքները կուլ տալով, Սերեբրյաննի նրբանցքով վազեց տուն։

Շաչում,
Փախչում է
Գվադալկվիկիրը։

Կուրացած Իպոլիտ Մատվեևիչը մանր քայլերով անցավ դիմացի կողմը, բղավելով․

― Բռնի՛ր գողին։

Հետո երկար լաց եղավ և դեռ լաց լինելով գնեց պառավից նրա բոլոր օղաբլիթները զամբյուղի հետ միասին։ Նա դուրս եկավ Սմոլենսկու մութ և ամայի շուկան և երկար ետ ու առաջ էր քայլում, օղաբլիթները շաղ տալով, ինչպես սերմնացանն է սերմը շաղ տալիս։ Ըստ որում նա ոչ երաժշտականորեն բղավում էր․

Քայլո՛ւմ եք,
Շրջում ամենուր,
Տա֊րա֊րա֊րա՛․․․

Այնուհետև Իպոլիտ Մատվեևիչը մտերմացավ կառապանի հետ, բաց արեց սիրտը նրա առջև և կղկտուր պատմեց ադամանդների մասին։

― Ուրախ տղա է, ― բացականչեց կառապանը։

Իպոլիտ Մատվեևիչը իրոք ուրախացել էր։ Ինչպես երևում է, նրա ուրախությունը փոքր֊ինչ դատապարտելի բնույթ էր կրում, որովհետև առավոտվա ժամը տասնմեկի մոտերքը նա արթնացավ միլիցիայի բաժանմունքում։ Երկու հարյուր ռուբլուց, որով նա խայտառակ կերպով սկսել էր իր վայելքների և հաճույքների գիշերը, մոտը մնացել էր միայն տասներկու ռուբլի։

Նրան թվում էր, թե ինքը մեռնում է։ Ցավում էր ողնաշարը, նվվում էր լյարդը, իսկ գլխին կարծես արճիճե թասակ էին հագցրել։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նա բացարձակապես չէր հիշում, թե որտեղ և ինչ կերպ կարող էր այդչափ մեծ գումարի փող ծախսել։ Տուն գնալիս ճանապարհին ստիպված եղավ մտնել ակնոցագործի մոտ և պենսնեի շրջանակի մեջ նոր ապակիներ դնել։

Օստապը երկար ժամանակ, զարմանքով նայում էր Իպոլիտ Մատվեևիչի ուժասպառ կերպարանքին, բայց ոչինչ չասաց։ Նա սառն էր և պատրաստ պայքարի։

Էկզեկուցիա

Աճուրդային սակարկությունը բացվում էր ժամը հնգին։ Ժամը 4֊ից քաղաքացիներին ներս էին թողնում իրերը տեսնելու։ Բարեկամները ներկայացան ժամը երեքին և մի ամբողջ ժամ դիտում էին մեքենաշինական ցուցահանդեսը, որը տեղավորված էր հենց կողքին։

― Ինչպես երևում է, ― ասաց Օստապը, ― մենք հենց վաղը բարի կամքի առկայության դեպքում կարող ենք գնել այս շոգեքարշիկը։ Ափսոս որ գինը չի նշանակված։ Հաճելի է այնուամենայնիվ սեփական շոգեքարշ ունենալը։

Իպոլիտ Մատվեևիչը հալումաշ էր լինում։ Միայն աթոռները կարող էին նրան մխիթարել։

Նրանցից նա հեռացավ միայն այն պահին, երբ ամբիոն բարձրացավ աճուրդավարը՝ վանդակավոր շալվարով և ռուսական կովերկոտե տոլստովկայի վրա իջած մորուքով։

Կոնցեսիոներները տեղ գրավեցին աջից չորրորդ կարգում։ Իպոլիտ Մատվեևիչը սկսեց խիստ հուզվել։ Նրան թվում էր, թե աթոռները հենց հիմա էլ ծախվելու են։ Բայց նրանք գրանցված էին քառասուներեք համարի տակ, և սկզբում վաճառքի դրվեցին աճուրդային սովորական մանրուքները․ տոհմական սերվիզի անջատ նմուշներ, սոուսաման, արծաթյա բաժակակալ, նկարիչ Պետունինի բնանկարը, ուլունքաշար պայուսակ, պրիմուսի բոլորովին նոր այրիչ, Նապոլեոնի կիսանդրին, քաթանե կանացի կրծքակալներ, գորգանկար՝ «Վայրի բազեի վրա կրակող որսորդ» և նման ցնդաբանություններ։

Ստիպված էին համբերել և սպասել։ Սպասելը շատ դժվար էր․ բոլոր աթոռները առկա էին, նպատակը մոտ էր, այն կարելի էր ձեռքով վերցնել։

«Համա թե մեծ իրարանցում կսկսվեր այստեղ, ― մտածեց Օստապը, շրջահայելով աճուրդային հասարակությանը, ― եթե իմանային՝ ինչ կարմիր խնձոր է վաճառվելու այս աթոռների անվան տակ»։

― Արդարադատություն պատկերացնող ֆիգուրա, ― ազդարարեց աճուրդավորը։ ― Բրոնզե։ Կարգին վիճակում։ Հինգ ռուբլի։ Ո՞վ ավելի։ Վեց ու կես՝ աջ, վերևում՝ յոթ։ Ութը ռուբլի՝ առաջին շարքում, դիմացը։ Երկրորդ անգամ, ութը ռուբլի՝ դիմացը։ Երրորդ անգամ՝ առաջին կարգում, դիմացը։

Առաջին կարգում նստած քաղաքացու մոտ անմիջապես սլացավ անդորագրով մի օրիորդ փող ստանալու։

Թխկթխկում էր աճուրդավորի մուրճիկը, վաճառվում էին պալատի մոխրամաններ, բակկարա ապակեղեն, ճենապակե պուդրաման։

Ժամանակը տանջալից կերպով երկար էր տևում։

― Ալեքսանդր երրորդի բրոնզե կիսանդրին։ Կարող է ծառայել իբրև պրեսպապյե։ Ուրիշ ոչ մի բանի պետք չէ։ Ալեքսանդր երրորդի կիսանդրին գնում է առաջարկած գնով։

― Դահլիճում ծիծաղեցին։

― Գնեցե՛ք, պարագլուխ, ― խայթեց Օստապը, ― կարծեմ դուք սիրում եք։

Իպոլիտ Մատվեևիչը աչք չէր հեռացնում աթոռներից և լուռ էր։

― Ցանկացողներ չկա՞ն։ Աճուրդից հանվում է Ալեքսանդր երրորդի կիսանդրին։ Արդարադատություն պատկերող ֆիգո՛ւրա։ Ասես հենց նոր գնածի գույն է։ Վասի՛լի, հասարակությանը ցույց տվեք «Արդարադատությունը»։ Հինգ ռուբլի։ Ո՞վ ավելին։

Առաջին շարքում դիմացը ֆսֆսոց լսվեց։ Ինչպես երևում է, քաղաքացին կամենում էր «Արդարադատությունն ունենալ լրիվ կազմով։

― Հինգ ռուբլի՝ բրոնզե «Արդարադատությունը»։

― Վե՛ց, ― հստակ արտասանեց քաղաքացին։

― Վեց ռուբլի դիմացը։ Յո՛թ։ Ի՛նը ռուբլի՝ վերջում աջ։

― Իննուկես, ― կամացուկ ասաց «Արդարադատության» սիրահարը, ձեռքը բարձրացնելով։

― Իննուկես՝ դիմացը։ Երկրորդ անգամ, իննուկես՝ դիմացը։ Երրորդ անգամ, իննուկես։

Մուրճիկը իջավ։ Առաջին կարգի քաղաքացու վրա սլացավ օրիորդը։

Նա վճարեց և անցավ մյուս սենյակը իր բրոնզը ստանալու։

― Տասը աթոռ պալատից, ― ասաց հանկարծ աճուրդավարը։

― Ինչո՞ւ պալատից, ― կամացուկ ախ քաշեց Իպոլիտ Մատվեևիչը։

Օստապը բարկացավ․

― Ա՜յ գրողի ծոցն անցնեք դուք։ Լսեցեք և մեջ մի ընկնեք։

― Տասը աթոռ պալատից։ Կաղնե՛։ Ալեքսանդր երկրորդի էպոխան։ Կարգին վիճակում։ Հաբսի կահույքի արհեստանոցի աշխատանքը։ Վասի՛լի, աթոռներից մեկը դրեք ռեֆլեկտորի տակ։

Վասիլին այնպես կոպիտ կերպով քաշ տվեց աթոռը, որ Իպոլիտ Մատվեևիչը տեղից վեր ցատկեց։

― Նստե՛ք էլի, ապուշի մեկը, ինչ փորձանք էր կապվեց իմ գլխին, ― ֆշշաց Օստապը։ ― Նստե՛ք, ասում եմ ձեզ։

Իպոլիտ Մատվեևիչի ներքին ծնոտը շարժվում էր։ Օստապը ոտքի կանգնեց։ Նրա աչքերը պայծառացան։

― Տասը աթոռ կաղնե։ Ութսուն ռուբլի։

Դահլիճն աշխուժացավ։ Տնտեսության մեջ պիտանի բան էր ծախվում։ Օստապը հանգիստ էր։

― Բա ինչո՞ւ չեք սակարկում, ― հարձակվեց նրա վրա Վորոբյանինովը։

― Դո՛ւրս կորիր, ― պատասխանեց Օստապը, ատամները սեղմելով։

― Հարյուր քսան ռուբլի ետևում։ Հարյուր երեսունհինգ, նույն տեղում։ Հարյուր քառասուն։

Օստապը հանգիստ շուռ եկավ մեջքով դեպի ամբիոնը և քմծիծաղով սկսեց տնտղել իր մրցակիցներին։

Աճուրդի թեժ ժամանակն էր։ Ազատ տեղեր արդեն չկային։ Հենց Օստապի ետևում մի դամա, ամուսնու հետ բանակցելուց հետո, գայթակղվեց աթոռներով («Հրաշալի կիսաբազկաթոռներ են։ Հիանալի՜ աշխատանք։ Սա՛նյա։ Ախր պալատից են») և ձեռքը բարձրացրեց։

― Հարյուր քառասունհինգ, հինգերորդ կարգում աջ։ Մե՛կ։

Դահլիճը սսկեց։ Չափից դուրս թանկ է։

― Հարյուր քառասունհինգ։ Երկո՛ւ։

Օստապը սառնասիրտ դիտում էր ծեփածո քիվը։ Իպոլիտ Մատվեևիչը նստել էր գլխահակ և ցնցվում էր։

― Հարյուր քառասունհինգ։ Երե՛ք։

Բայց նախքան սև լաքած մուրճիկի ֆաներե ամբիոնին դիպչելը, Օստապը շուռ եկավ, ձեռքը վեր նետեց և ցածրաձայն ասաց․

― Երկու հայրյուր։

Բոլոր գլուխները շուռ եկան կոնցեսիոներների կողմը։ Շարժման մեջ դրվեցին ֆուրաժկաները, կեպիները, կարտուզները և շլյապաները։ Աճուրդավարը բարձրացրեց տխուր դեմքը և նայեց Օստապին։

― Երկու հարյուր՝ մեկ, ― ասաց նա, ― երկու հարյուր, չորրորդ կարգում՝ աջ, երկու։ Ուրիշ սակարկողներ չկա՞ն։ Երկու հարյուր, պալատկան կաղնե գարնիտուր տասը կտորից։ Երկու հարյուր՝ երեք, չորրորդ կարգում՝ աջ։

― Հը, նախագահ, էֆեկտո՞վ է, ― հարցրեց Օստապը։ ― Հետաքրքիր է, ի՞նչ էիք անելու դուք առանց տեխնիկական ղեկավարի։

Իպոլիտ Մատվեևիչը երջանիկ շունչ քաշեց։ Նրանց մոտ վարգով մոտենում էր օրիորդը։

― Դո՞ւք գնեցիք աթոռները։

― Մե՛նք, ― բացականչեց երկար ժամանակ իրեն զսպած Իպոլիտ Մատվեևիչը։ ― Մենք, մենք։ Ե՞րբ կարելի կլինի վերցնել։

― Ե՛րբ ուզում եք։ Թեկուզ հենց հիմա։

«Քայլում եք, շրջում ամենուր» եղանակը կատաղիորեն ցատկոտում էր Իպոլիտ Մատվեևիչի գլխում։ «Մեր աթոռները, մերը, մերը, մերը»։ Այդ մասին էր բղավում նրա ողջ օրգանիզմը։ «Մե՜րը», գոչում էր լյարդը։ «Մե՜րը», հաստատում էր կույր աղիքը։

Նա այնպես ուրախացավ, որ մարմնի ամենաանսպասելի տեղերում զարկերակներ հայտնաբերվեցին։ Ամեն ինչ թրթռում էր, օրորվում և ճարճատում՝ անասելի երջանկության ճնշման տակ։ Երևալ սկսեց Սեն֊Գոթարդին մոտեցող գնացքը։ Վերջին վագոնի բաց հարթակի վրա կանգնել էր Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը սպիտակ շալվարով և սիգար էր ծխում։ Ծաղիկները մեղմ թափվում էին նրա գլխին, որը կրկին զարդարվել էր ալյումինի փայլուն ալեհերությամբ։ Նա գնում էր Եդեմ։

― Իսկ ինչո՞ւ երկու հարյուր երեսուն և ոչ թե երկու հարյուր, ― լսեց Իպոլիտ Մատվեևիչը։

Այդ ասում էր Օստապը, անդորագիրը ձեռքին պտտեցնելով։

― Տասնհինգ տոկոս կոմիսյոն տուրք է վարձվում, ― պատասխանեց օրիորդը։

― Է՛հ, ինչ արած։ Վերցրե՛ք։

Օստապը հանեց դրամապանակը, հաշվեց երկու հարյուր ռուբլի և շուռ եկավ դեպի ձեռնարկության գլխավոր դիրեկտորը։

― Մի երեսուն ռուբլի ցնծա, սիրունիկս, բայց արագ․ չե՞ք տեսնում՝ օրիորդը սպասում է։ Դե՞։

Իպոլիտ Մատվեևիչը փող հանելու ոչ մի փորձ չարեց։ Դե՞։ Ինչ եք նայում ինձ, ինչպես զինվորը ոջիլին։ Շշմե՞լ եք երջանկությունից։

― Ես փող չունեմ, ― փնթփնթաց, վերջապես, Իպոլիտ Մատվեևիչը։

― Ով չունի՞, ― հարցրեց Օստապը շատ կամաց։

― Ես։

― Բա երկու հարյուր ռուբլի՞ն։

― Ես․․․ ը֊ը֊ը֊․․․ կորցրդել եմ։

Օստապը նայեց Վորոբյանինովին, արագ գնահատեց նրա դեմքի թոշնածությունը, այտերի կանաչությունը և աչքատակերի ուռած պարկերը։

― Փո՛ղ տվեք, ― շշնջաց նա ատելությամբ։ ― Քավթա՛ռ սրիկա։

― Վճարելո՞ւ եք, թե չէ, ― հարցրեց օրիորդը։

― Մի րոպե, ― ասաց Օստապը, հմայիչ ժպիտով, ― մի փոքրիկ արգելք։

Դեռ մի փոքրիկ հույս էլ կար։ Կարելի էր համոզել, որ մի քիչ սպասեն փողին։

Այդ պահին սթափված Իպոլիտ Մատվեևիչը, թուքը շաղ տալով, ներխուժեց խոսակցության մեջ։

― Թո՛ւյլ տվեք, ― վայնասուն բարձրացրեց նա։ ― Կոմիսիոն տուրքն ինչի՞ համար է։ Մենք ոչինչ չգիտենք այդ տուրքի մասին։ Պետք էր զգուշացնել։ Ես հրաժարվում եմ վճարել այդ երեսուն ռուբլին։

― Լավ, ― հեզությամբ ասաց օրիորդը, ― ես հիմա ամեն ինչ կսարքեմ։

Անդորագիրը վերցնելով, նա սլացավ աճուրդավարի մոտ և մի քանի խոսք ասաց նրան։ Աճուրդավարն իսկույն ոտքի ելավ։ Նրա մորուքը փայլում էր էլեկտրական լամպերի ուժեղ լույսի տակ։

― Աճուրդային սակարկության կանոններով, ― զրնգուն ձայնով հայտարարեց նա, ― այն անձը, որ հրաժարվում է վճարել գնած առարկայի լրիվ գումարը, պետք է թողնի դահլիճը։ Աթոռների աճուրդը անվավեր է համարվում։

Ապշած բարեկամները նստել էին անշարժ։

― Դո՛ւրս համեցեք, խնդրեմ, ― ասաց աճուրդավարը։

Էֆեկտը մեծ էր։ Հասարակության մեջ չարախնդորեն ծիծաղում էին։ Օստապն այնուամենայնիվ չէր վեր կենում։ Վաղուց նա այդպիսի հարված չէր ստացել։

― Համեցե՜ք, խնդրե՜մ։

Աճուրդավարը երգում էր առարկություն չվերցնող ձայնով։

Դահլիճում ծիծաղն ուժեղացավ։

Եվ նրանք գնացին։ Աճուրդային դահլիճից շատ քչերն էին հեռանում այդպես դառն զգացմունքով։ Առաջինը գնաց Վորոբյանինովը։ Ոսկրոտ ուղիղ ուսերը կռացրած, կարճացած պիջակով և բարոնային տխմար սապգներով, նա քայլում էր կռունկի պես, իր ետևում զգալով մեծ կոմբինատորի ջերմ, մտերմական հայացքը։

Կոնցեսիոներները կանգ առան աճուրդային դահլիճի հարևան սենյակում։ Այժմ նրանք կարող էին աճուրդին նայել միայն ապակեպատ դռան միջով։ Այնտեղ տանող ուղին արդեն փակ էր նրանց առջև։ Օստապը բարեկամաբար լռում էր։

― Զայրացուցիչ կարգուկանոններ են, ― վախվխելով փնթփնթաց Իպոլիտ Մատվեևիչը, ― կատարյալ խայտառակություն։ Պետք է բողոքել միլիցիային։

Օստապը լուռ էր։

― Չե, իսկապես, սատանան գիտե, ինչ բան է սա, ― շարունակում էր տաքանալ Վորոբյանինովը։ ― Երեք տակ պլոկում են աշխատավորներին։ Աստված վկա․․․ Ինչ֊որ բանեցրած աթոռների համար երկու հարյուր երեսուն ռուբլի։ Գժվել կարելի է․․․

― Հա, ― անտարբեր ասաց Օստապը։

― Այնպես չէ՞, ― հարցրեց Վորոբյանինովը։ ― Գժվել կարելի է։

― Կարելի է։

Օստապը կիպ մոտեցավ Վորոբյանինովին և, չորս կողմը նայելուց հետո, մի կարճ, ուժեղ և կողմնակի աչքի համար աննկատելի հարված հասցրեց պարագլխի կողին։

― Ահա՛ քեզ միլիցիա։ Ահա՛ քեզ աթոռների թանկություն բոլոր երկրների աշխատավորության համար։ Ահա՛ քեզ գիշերային զբոսանքներ աղջիկների հետ։ Ահա՛ քեզ մորուքի սպիտակություն։ Ահա՛ քեզ ջահելի կատաղություն։

Իպոլիտ Մատվեևիչը էկզեկուցիայի ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի ծպտուն չհանեց։

Կողքից նայողին կարող էր թվալ, թե հարգող որդին խոսում է հոր հետ, միայն թե հայրը շատ աշխուժորեն թափահարում է գլուխը։

― Դե, հիմա կորի՛ր։

Օստապը մեջքը շուռ տվեց ձեռնարկության դիրեկտորին և սկսեց դիտել աճուրդային դահլիճը։

Իպոլիտ Մատվեևիչը դեռ կանգնած էր ետևում, ձեռքերը կողքին ձգված։

― Ախ, դուք դեռ այստե՞ղ եք, հասարակության հոգին։ Կորի՛ր։ Դե՞։

― Ըն֊կե՜ր Բենդեր, ― աղերսում էր Վորոբյանինովը։ ― Ընկեր Բենդեր։

― Գնա՛, գնա՛։ Իվանոպուլոյի մոտ էլ չգաս։ Կվռնդեմ։

― Ըն֊կե՜ր Բենդեր։

Օստապն այլևս ետ չնայեց։ Դահլիճում տեղի ունեցավ մի բան, որն այնպես հետաքրքրեց Բենդերին, որ նա դուռը կիսով չափ բացեց և սկսեց ականջ դնել։

― Ամեն ինչ կորավ, ― փնթփնթաց նա։

― Ի՞նչը կորավ, ― քծնանքով հարցրեց Վորոբյանինովը։

― Աթոռներն առանձին֊առանձին են ծախում, ահա թե ինչ։ Գուցե կուզենայիք ձե՞ռք բերել։ Խնդրեմ։ Ես ձեզ չեմ պահում։ Միայն կասկածում եմ, թե ձեզ ներս կթողնեն։ Ասենք կարծեմ փող էլ էնքան չունեք։

Այդ միջոցին աճուրդային դահլիճում տեղի էր ունենում հետևյալը․ աճուրդավարը, զգալով, որ դժվար կլինի հասարակությունից մեկից երկու հարյուր ռուբլի դուրս քաշել (բավականաչափ խոշոր գումար է դահլիճում մնացած մանրուքի համար), որոշեց կտոր֊կտոր ստանալ այդ երկու հարյուր ռուբլին։ Աթոռները նորից աճուրդի դրվեցին, բայց արդեն մաս֊մաս։

― Չո՛րս աթոռ պալատից։ Կաղնե՛։ Փափո՛ւկ։ Հաբսի աշխատանքը։ Երեսուն ռուբլի։ Ո՞վ ավելին։

Օստապին արագ վերադարձավ նրա ամբողջ վճռականությունը և սառնարյունությունը։

― Է՛յ, դուք, կանանց սիրելին, կանգնեցեք այստեղ և ոչ մի տեղ մի գնացեք։ Ես հինգ րոպեից կգամ։ Իսկ դուք այստեղ նայեք, թե ինչն ինչոց է։ Ոչ մի աթոռ բաց չթողնեք։

Բենդերի գլխում անմիջապես հասունացավ մի պլան, որը միակ հնարավոր պլանն էր այն ծանր պայմաններում, որի մեջ ընկել էին։

Նա դուրս վազեց Պետրովկա, քայլերն ուղղեց դեպի մոտակա ասֆալտի չանը և գործնական բանակցությունների մեջ մտավ խուժանների հետ։

Նա, ինչպես և խոստացել էր, հինգ րոպե անց վերադարձավ Իպոլիտ Մատվեևիչի մոտ։ Խուժանները պատրաստ կանգնած էին աճուրդի մուտքի մոտ։

― Ծախում են, ծախում, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը, արդեն ծախեցին չորս մեկ, երկուս մեկ։

― Այդ ձեր սարքած օյիններն էին, ― ասաց Օստապը, ― ուրախացե՛ք։ Ամեն բան մեր ձեռքումն էր, հասկանում եք, մեր ձեռքում։ Կարո՞ղ եք արդյոք հասկանալ այդ։

Դահլիճում լսվեց ճռճռան մի ձայն, որով բնությունը օժտել է միայն աճուրդավարներին, կրուպյեներին և ապակեգործներին։

― Տասուկեսով ― ձախ։ Երե՛ք։ Եվս մի աթոռ պալատից։ Կաղնե։ Կարգին վիճակում։ Տասուկես՝ դիմացը։ Մեկ ― տասուկես՝ դիմացը։

Երեք աթոռ ծախվեցին մեկ֊մեկ։ Աճուրդավարը վաճառքի հանեց վերջին աթոռը։ Կատաղությունը խեղդում էր Օստապին։ Նա կրկին հարձակվեց Վորոբյանինովի վրա։ Նրա վիրավորական նկատողությունները լի էին դառնությամբ։ Ո՜վ գիտե, ուր կհասներ Օստապը իր երգիծական վարժություններով, եթե նրան չընդհատեր արագ մոտեցող մի տղամարդ՝ Լոձի դարչնագույն կոստյումով։ Նա թափահարում էր թմփլիկ մատները, կռանում, թռչում և ետ էր ցատկում, ասես թենիս էր խաղում։

― Բայց ասացեք, ― հապշտապ հարցնում էր նա Օստապին, ― այստեղ իսկապե՞ս աճուրդ է։ Այո՞։ Աճո՞ւրդ։ Եվ այստեղ, իսկապե՞ս, իրեր են վաճառում։ Հիանալի՜ է։

Անծանոթը ետ ցատկեց և նրա դեմքը պայծառացավ բազում ժպիտներով։

― Հենց այստեղ իսկապես իրե՞ր են ծախում։ Եվ իսկապե՜ս կարելի է էժան գնել։ Բա՜րձր դաս։ Շա՜տ, շա՜տ․․․ Ա՛խ․․․

Անծանոթը, հաստ ազդրերը խաղացնելով, շշկլած կոնցեսիոներների կողքով սլացավ դահլիճ և այնպես արագ գնեց վերջին աթոռը, որ Վորոբյանինովը միայն կռնչաց։ Անծանոթը անդորագիրը ձեռքին վազեց դեպի բացթողման վաճառասեղանը։

― Իսկ ասացեք, աթոռը հենց հիմա կարելի՞ է վերցնել։ Հիանալի է․․․ Ա՛խ․․․ Ա՛խ․․․

Անընդհատ մկկալով և շարունակ շարժման մեջ, անծանոթը աթոռը բեռնեց կառքին և քշեց։ Նրա հետքերով վազում էր մի խուժան։

Կամաց֊կամաց ցրվեցին և իրենց տները գնացին աթոռների նորանոր սեփականատերերը։ Նրանց հետևից սլանում էին Օստապի անչափահաս գործակալները։ Գնաց և ինքը։ Իպոլիտ Մատվեևիչը վախվխելով գնում էր նրա ետևից։ Այսօրվա օրը նրան երազ էր թվում։ Ամեն ինչ տեղի ունեցավ արագ և բնավ ոչ այնպես, ինչպես սպասվում էր։

Սիվցև֊Վրաժկայում դաշնամուրները, մանդոլինաները և հարմոնները գարնան տոնախմբություն էին կատարում։ Լուսամուտները բաց էին։ Պատուհանների գոգերը լցվել էին ծաղկամաններով։ Մի հաստ մարդ, մազոտ կուրծքը բաց արած, շալվարակալով, կանգնել էր պատուհանի մոտ և կրքոտությամբ երգում էր։ Պատի երկարությամբ դանդաղ անցնում էր կատուն։ Պարենային կրպակներում բոցկլտում էին նավթի լամպերը։

Վարդագույն տնակի առջև անցուդարձ էր անում Կոլյան։ Տեսնելով առջևից եկող Օստապին, նա քաղաքավարի կերպով բարևեց և մոտեցավ Վորոբյանինովին։ Իպոլիտ Մատվեևիչը սրտանց ողջունեց։ Սակայն Կոլյան ժամանակ չկորցրեց։

― Բարի երեկո, ― վճռականորեն ասաց նա և, ինքն իրեն զսպելու կարողություն չունենալով, մի լավ հասցրեց Իպոլիտ Մատվեևիչի ականջին։

Դրա հետ միաժամանակ Կոլյան, այդ տեսարանին ականատես Օստապի կարծիքով, արտասանեց բավականին տարօրինակ մի ֆրազ․

― Այդպես կլինի բոլորի հետ, ― ասաց Կոլյան մանկական ձայնով, ― ովքեր փորձ կանեն․․․

Թե ինչ փորձ կանեն, Կոլյան այդպես էլ չասաց։ Նա բարձրացավ թաթերի վրա և, աչքերը փակելով, շրխկացրեց Վորոբյանինովի թշին։

Իպոլիտ Մատվեևիչը բարձրացրեց արմունկը, բայց չհամարձակվեց նույնիսկ մի ծպտուն հանել։

― Ճի՛շտ է, ― ասում էր Օստապը, ― իսկ հիմա՝ վզակոթի՛ն։ Երկու անգամ։ Այդպե՜ս։ Ի՛նչ արած։ Երբեմն ձվերը ստիպված են լինում սովորեցնել չափն անցկացրած հավին․․․ Մի անգամ էլ․․․ Այդպե՛ս։ Մի՛ քաշվեք։ Գլխին այլևս մի խփեք։ Դա նրա ամենաթույլ տեղն է։

Եթե Ստարգորոդի դավադիրները մտքի գիգանտին և ռուս դեմոկրատիայի հորը տեսնեին նրա համար կրիտիկական այդ մոմենտին, ապա, պետք է ենթադրել, որ «Սրի ու խոփի» գաղտնի միությունը կդադարեր իր գոյությունը։

― Դե՛, կարծես բավական է, ― ասաց Կոլյան, ձեռքը գրպանը կոխելով։

― Մի անգամ էլ, ― աղերսում էր Օստապը։

― Թող կորչի գնա։ Մյուս անգամ կիմանա։

Կոլյան գնաց։ Օստապը բարձրացավ Իվանոպուլոյի մոտ և նայեց ներքև։ Իպոլիտ Մատվեևիչը կանգնել էր տնից առիշեղ, դեսպանատան չուգունե ցանկապատին հենված։

― Քաղաքացի՛ Միխելսոն, ― բղավեց Օստապը։ ― Կոնրա՛դ Կարլովիչ։ Ներս մտեք շենքը։ Ես թույլատրում եմ։

Իպոլիտ Մատվեևիչը սենյակ մտավ փոքր֊ինչ աշխուժացած։

― Չլսվա՛ծ լրբություն, ― ասաց նա զայրույթով։ ― Ես հազիվ ինձ զսպեցի։

― Ա՛յ֊ա՛յ֊ ա՛յ, ― ցավակցեց Օստապը, ― ի՜նչ ջահելներ են հիմա հա՜։ Սարսափելի երիտասարդություն է։ Հետապնդում է ուրիշների կանանց։ Վատնում է ուրիշի փողերը․․․ Կատարյալ անկում։ Իսկ ասացեք, երբ գլխին խփում են, իսկապե՞ս ցավում է։

― Ես նրան մենամարտի կհրավիրեմ։

― Հիանալի է։ Կարող եմ ձեզ հանձնարարել իմ լավ ծանոթին։ Անգիր գիտե մենամարտի օրենսգիրքը և ունի երկու ցախավել, որոնք միանգամայն պիտանի են մահու և կենաց պայքարի համար։ Սեկունդանտ կարելի է վերցնել Իվանոպուլոյին և աջակողմյան հարևանին։ Նա Կոլոգրիվ քաղաքի պատվավոր քաղաքացին է և մինչև օրս պարծենում է իր այդ տիտղոսով։ Բայց կարելի է մենամարտի դուրս գալ մսաղաց մեքենաներով՝ դա ավելի պերճաշուք է։ Յուրաքանչյուր վերքը անշուշտ մահացու կլինի։ Պարտված հակառակորդը մեխանիկորեն վերածվում է կոտլետի։ Դա ձեզ գոհացնո՞ւմ է, պարագլուխ։

Այդ պահին փողոցից սուլոց լսվեց, և Օստապը իջավ ներքև ագենտուրային տեղեկություններ ստանալու խուժաններից։

Խուժանները հիանալի կատարեցին իրենց վրա դրված հանձնարարությունը։ Չորս աթոռ ձեռք էր բերել Կոլումբի թատրոնը։ Անապաստանը մանրամասն պատմեց, թե ինչպես այդ աթոռները տարան սայլակով, ինչպես իջեցրին և տարան շենքը՝ արտիստական մուտքով։ Թատրոնի գտնվելու վայրը լավ ծանոթ էր Օստապին։

Երկու աթոռ տարել են կառքով, ինչպես ասաց մյուս պատանի հետախույզը՝ «շիկ֊չմարան»։ Տղան, ինչպես երևում է, աչքի չէր ընկնում մեծ ընդունակություններով։ Վարսոնոֆևի նրբանցքը, ուր տարել էին աթոռները, նա գիտեր, նույնիսկ հիշում էր, որ բնակարանի համարը տասնյոթն է, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հիշել տան համարը։

― Շատ արագ էի վազում, ― ասաց խուժանը, ― գլխիցս թռավ։

― Փող չես ստանա, ― հայտնեց վարձողը։

― Քեռի ջան․․․ Ես քեզ շանց կտամ։

― Լավ։ Մնա։ Միասին կգնանք։

Բանից դուրս եկավ, որ մկկացող քաղաքացին ապրում էր Սադովա֊Սպասսկայա փողոցի վրա։ Նրա ճշգրիտ հասցեն Օստապը գրի առավ ծողատետրում։

Ութերորդ աթոռը գնացել էր Ժողովուրդների տուն։ Այդ աթոռին հետապնդող տղան ծակամուտ դուրս եկավ։ Հաղթահարելով պարետության տիպի արգելքները և բազմաթիվ ցրիչներին, նա թափանցեց տուն և համոզվեց, որ աթոռը գնել է «Հաստոց»֊ի խմբաագրության տնտսեվարը։

Տղաներից երկուսը դեռ չէին եկել։ Նրանք վազելով եկան գրեթե միաժամանակ, շնչասպառ և հոգնած։

― Կազարմեննի նրբանցք, Չիստիե Պրուդի։

― Համա՞րը։

― Ինը։ Բնակարանն էլ ինը։ Էնտեղ կողքին թաթարներ են ապրում։ Բակումը։ Աթոռը հենց նրան էլ տարա։ Ոտքով էինք գնում։

Վերջին սուրհանդակը տխուր լուր բերեց։ Սկզբում ամեն ինչ լավ էր գնում, բայց հետո վատացավ։ Գնորդը իր աթոռով մտավ Հոկտեմբերյան կայարանի ապրանքային բակը և ոչ մի կերպ հնարավոր չէր նրա ետևից խցկվել ― դարբասի առջև կանգնած էին ՃՀԺԿ ― ՕՎՕ֊ի հրաձիգները։

― Վայթե մեկնեց, ― վերջացրեց խուժանը իր զեկուցումը։

Դա շատ անհանգստացրեց Օստապին։ Պարգևատրելով արքայավարի՝ սուրհանդակին մեկ ռուբլի, չհաշված Վարսոնոֆևի նրբանցքի լրաբերին, որը մոռացել էր տան համարը (նրան ասվել էր, որ մյուս օրը մի քիչ վաղ գա), ― տեխնիկական դիրեկտորը տուն վերադարձավ և, խայտառակված վարչության նախագահի հարցուփորձերին չպատասխանելով, ձեռնամուխ եղավ կոմբինացիաներ սարքելուն։

― Դեռ ոչինչ կորած չէ։ Հասցեները հայտնի են, իսկ աթոռները ձեռք բերելու համար բազում փորձված ու հին եղանակներ կան․ 1) հասարակ ծանոթություն, 2) սիրային ինտրիգա, 3) ծանոթություն կոտրանքով, 4) փոխանակություն և 5) փող։ Վերջինս ամենից հաստատուն է։ Բայց փող քիչ կա։

Օստապը հեգնանքով նայեց Իպոլիտ Մատվեևիչին։ Մեծ կոմբինատորին վերադարձան մտքի սովորական թարմությունը և հոգեկան հավասարակշռությունը Փող, իհարկե, կարելի է ճարել։ Պահեստում կան․ «Բոլշևիկները նամակ են գրում Չեմբեռլենին»․ նկարը, թեյքամիչը և բազմակնոջ կարիերան շարունակելու լիակատար հնարավորությունը։

Անհանգստացնում էր միայն տասներորդ աթոռը։ Հետքն, իհարկե, կար, բայց ինչպիսի՜ հետք՝ աղոտ ու մշուշապատ։

― Է՛հ, ինչ արած, ― ասաց Օստապը բարձրաձայն։ ― Այդ շանսերով բռնել կարելի է։ Խաղում եմ ինը մեկի դիմաց։ Նիստը շարունակվում է։ Լսո՞ւմ եք։ Դո՛ւք։ Երդվյալ ատենակալ։

Մարդակեր Էլլոչկան

Հետազոտողների հաշվարկումներով Վիլյամ Շեքսպիրի բառարանը բաղկացած է 12000 բառից։ Մարդակեր «Մումբո֊Յումբո ցեղի նեգրի բառապաշարը կազմում է 300 բառ։

Էլոչկա Շչուկինան հեշտ ու հանգիստ յոլա է գնում երեսուն բառով։

Ահա այն բառերը, ֆրազներն ու ձայնարկությունները, որ նա բծախնդրորեն ընտրել է ռուս մեծ, բազմաբառ և հզոր լեզվից․

1.Գյադայություն եք անում։

2. Խո՛֊խո՛։ (Արտահայտում է նայած հանգամանքներին՝ հեգնանք, զարմանք, հիացմունք, ատելություն, ուրախություն, արհամարհանք և գոհունակություն)։

3. Նշանավոր է։

4. Մռայլ։ (Ամեն բանի վերաբերյալ։ Օրինակ․ «մռայլ Պետյան եկավ», «մռայլ եղանակ», «մռայլ դեպք», «մռայլ կատու» և այլն)։

5. Խավար։

6. Սարսափ։ (Սարսափելի։ Օրինակ, բարի ծանոթի հանդիպելիս․ «սարսափելի հանդիպում»)։

7. Ա՛յ տղա։ (Բոլոր ծանոթ տղամարդկանց վերաբերյալ, անկախ տարիքից և հասարակական դիրքից)։

8. Մի սովորեցրեք ինձ ապրել։

9. Ինչպես երեխայի։ (Ես նրան խփում եմ, ինչպես երեխայի» ― թուղթ խաղալիս։ «Ես նրան կտրեցի, ինչպես երեխայի», ― ըստ երևույթին, պատասխանատու վարձակալի հետ խոսելիս)։

10. Լազա՜թ։

11. Հաստ ու սիրուն։ (Գործածվում է որպես անշունչ և շնչավոր առարկաների բնութագիր)։

12. Գնանք կառքով։ (Սսվում է ամուսնուն։)

13. Գնանք տաքսոով։ (Արական սեռի ծանոթներին)։

14. Ձեր մեջքն ամբողջովին սպիտակ է։ (Կատակ)։

15. Դրա՜ն մի տես։

16. Ուլյա։ (Անունների փաղաքշական վերջավորություն։ Օրինակ․ Միշուլյա, Զինուլյա)։

17. Օհո՛։ (Հեգնանք, զարմանք, հիացմունք, ատելություն, ուրախություն, արհամարհանք և գոհունակություն)։

Մնացած շատ չնչին քանակությամբ բառերը ծառայում էին որպես հաղորդիչ օղակ Էլլոչկայի և ունիվերսալ խանութների գործակատարների միջև։

Եթե նայելու լինենք Էլլոչկա Շչուկինայի լուսանկարներին, որ կախված են իր ամուսնու՝ ինժեներ Էռնեստ Պավլովիչ Շչուկինի անկողնի վերևում (մեկը՝ անֆաս, մյուսը՝ պրոֆիլ), ապա դժվար չէ նկատել հաճելի բարձրության ու ցցունության ճակատը, մեծ, խոնավ աչքերը, Մոսկվայի նահանգում ամենահաճելի քթիկը և տուշով նկարած, փոքրիկ խալ ունեցող կզակը։

Էլլոչկայի հասակը շոյում էր տղամարդկանց։ Նա շատ պստլիկ էր և նույնիսկ ամենաքոսոտ տղամարդիկ նրա կողքին մեծ ու զորեղ այրեր էին երևում։

Ինչ վերաբերում է առնաձնահատուկ նշաններին, ապա այդպիսիք չկային։ Էլոչկան դրա կարիքը չէր զգում։ Նա գեղեցիկ էր։

Էլոչկայի համար վիրավորական էին այն երկու հարյուր ռուբլիները, որ ամուսինը ամեն ամիս ստանում էր «Էլեկտրլյուստրա» գործարանում։ Դրանք ոչ մի կերպ չէին օգնում վիթխարի այն պայքարին, որ Էլլոչկան ահա չորս տարի է մղում էր, սկսած այն օրից, երբ գրավեց տնային տնտեսուհու՝ Շչուկինի կնոջ դիրքը։ Պայքարն ընթանում էր ուժերի կատարյալ լարվածությամբ։ Նա կլանում էր բոլոր ռեսուրսները։ Էռնեստ Պավլովիչը իրիկվա աշխատանք էր վերցնում տանը կատարելու, հրաժարվեց սպասավորից, ինքն էր վառում պրիմուսը, աղբը թափում և նույնիսկ կոտլետ էր տապակում։

Բայց այդ ամենը ապարդյուն։ Վտանգավոր թշնամին տարեցտարի գնալով ավելի շատ էր քայքայում տնտեսությունը։ Էլլոչկան չորս տարի առաջ նկատեց, որ ինքը օվկիանոսից դենը ախոյան ունի։ Դժբախտությունը Էլլոչկային այցելեց այն ուրախ երեկոյին, երբ նա չափում էր կրեպդեշինի շատ հաճելի կոֆտան։ Այդ զգեստի մեջ նա գրեթե դիցուհի էր էր երևում։

― Խո՛֊խո՛, ― բացականչեց նա, մարդակերային այդ ճիչի մեջ միավորելով իրեն համակած զարմանալիորեն բարդ զգացմունքները։

Այդ զգացմունքերը պարզեցրած ձևով կարելի էր արտահայտել հետևյալ ֆրազով․ «Տղամարդիկ այսպես ինձ տեսնելով, կհուզվեն։ Նրանք կդողդողան։ Նրանք իմ ետևից կգան մինչև աշխարհի ծայրը, սիրուց կակազելով։ Բայց ես կլինեմ սառը։ Մի՞թե նրանք արժանի են ինձ։ Ես ամենագեղեցիկ կինն եմ։ Երկրագնդում ոչ ոք այսպիսի նրբագեղ կոֆտա չունի»։

Բայց ընդամենը երեսուն բառ կար, և Էլլոչկան նրանցից ընտրեց ամենաարտահայտիչը՝ «խո֊խո»։

Այդ վեհ ժամին նրա մոտ եկավ Ֆիմկա Սոբակը։ Նա իր հետ բերեց հունվարի սառը շունչը և ֆրանսիական մոդաների ժուռնալը։ Էլլոչկան առաջին էջի վրա կանգ առավ։ Շողշողուն լուսանկարը պատկերում էր ամերիկյան միլիարդատեր Վանդերբիլդի դստերը՝ երեկոյան արդուզարդով։ Այնտեղ կային մորթեղեն ու փետուրներ, մետաքս ու մարգարիտ, տարազի արտասովոր թեթևություն և խելքահան անող սանրվածք։ Դա որոշեց ամեն բան։

― Օհո՛, ― ասաց Էլլոչկան ինքն իրեն։

Դա նշանակում էր՝ «կամ ե՛ս, կամ նա՛»։

Մյուս օրվա առավոտը Էլլոչկային գտավ վարսավիրանոցում։ Այստեղ նա կորցրեց հիանալի սև հյուսը և մազերը ներկեց շիկակարմիր գույնով։ Այնուհետև հաջողվեց ևս մի աստիճան բարձրանալ այն սանդուղքով, որը Էլլոչկային մոտեցնում էր շողշողուն դրախտին, որտեղ զբոսնում են միլիարդատերերի աղջկերքը, որոնք տնային տնտեսուհի Շչուկինայի եղունգն անգամ չարժեն։ Բանվարկով գնվեց մշկամորթու դեր կատարող շան մորթի։ Այն գործադրվեց երեկոյան արդուզարդի համար։

Նոր գծագրատախտակ գնելու մասին վաղուց ի վեր երազող միստեր Շչուկինը փոքր֊ինչ տխրեց։

Շնամորթով եզրակարված զգեստը առաջին դիպուկ հարվածը հասցրեց ամբարտավան Վանդերբիլիդիխային։ Հետո գոռոզ ամերիկուհուն իրար ետևից երեք հարված հասցվեց։ Էլլոչկան տնային մուշտակագործ Ֆիմոչկա Սոբակից ձեռք բերեց շինշիլլայի մորթե օձիգ (ռուսական նապաստակ, սպանված Տուլայի նահանգում), երկնագույն մի շլյապա ճարեց արգենտինյան ֆետրից և ամուսնու նոր պիջակից վերակարեց կանացի նորձև ժակետ։ Միլիարդերուհին երերաց, բայց նրան, ինչպես երևում է, փրկեց սիրառատ հայր Վանդերբիլդը։

Մոդաների ժուռնալի հերթական համարն իր մեջ պարունակում էր նզովված ախոյանին՝ չորս ձևով․ 1) Մգագորշ աղվեսներով, 2) ճակատին ադամանդե աստղով, 3) ավիացիոն կոստյումով (բարձրաճիտ կոշիկներ, կանաչ նրբավուն կուրտկա և ձեռնոցներ, որոնց բերանները զարդարված էին միջին մեծության զմրուխտներով) և 4) պարահանդեսի արդուզարդով (թանկարժեք զարդերի հեղեղ և մի քիչ էլ մետաքս)։

Էլլոչկան մոբիլիզացրեց իր ուժերը։ Հայր֊Շչուկինը վարկ վերցրեց փոխօգնության դրամարկղից։ Երեսուն ռուբլուց ավելի չտվեցին նրան։ Ուժերի նոր լարումը արմատապես քայքայեց տնտեսությունը։ Ստիպված էին պայքարել կյանքի բոլոր բնագավառներում։ Վերջերս ստացվել էին միսսի լուսանկարները՝ Ֆլորիդայի իր նոր ապարանքում։ Էլլոչկան ստիպված եղավ նոր կահույք ձեռք բերել։ Աճուրդին նա գնեց երկու փափուկ աթոռ։ (Հաջո՜ղ գնում էր։ Ոչ մի կերպ չէր կարելի բաց թողնել)։ Ամուսնուն չհարցնելով, Էլլոչկան փողը վերցրեց ճաշի գումարներից։ Մինչև ամսի տասնհինգը մնացել էր տասը օր և չորս ռուբլի։

Էլլոչկան շուքով տուն բերեց աթոռները Վարսոնոֆեյան նրբանցքով։ Ամուսինը տանը չէր։ Ասենք, շուտով նա հայտնվեց, պորտֆել֊սնուկն իր հետ քարշ տալով։

― Մռայլ ամուսինս եկավ, ― որոշակի ասաց Էլլոչկան։

Բոլոր խոսքերը նա արտասանում էր որոշակի և բառերը աշխուժորեն դուրս էին պրծնում սիսեռների պես։

― Բարև, Ելենոչկա, իսկ սա ի՞նչ բան է։ Որտեղի՞ց այս աթոռները։

― Խո՛֊խո՛։

― Չէ, իսկապես։

― Լազա՜թ։

― Հա։ Լավ աթոռներ են։

― Նշանավո՜ր։

― Որևէ մեկը նվիրե՞լ է։

― Օհո՛։

― Ինչպե՞ս։ Մի՞թե գնել ես։ Ի՞նչ միջոցներով։ Մի՞թե տնտեսական։ Չէ՛ որ քեզ հազար անգամ ասել եմ․․․

― Էռնեստո՛ւլյա։ Գյադայություն ես անում։

― Բա ո՞նց կարելի է այդպես անել։ Չէ՞ որ մենք ուտելու բան չենք ունենա։

― Դրա՜ն մի տես։

― Բայց դա վրդովեցուցիչ է։ Դու քո միջոցների համեմատ չես ապրում։

― Կատակում եք։

― Այո, այո։ Դուք ապրում եք ձեր միջոցների համեմատ․․․

― Մի՛ սովորեցրեք ինձ ապրել։

― Ոչ, եկ լուրջ խոսենք։ Ես ստանում եմ երկու հարյուր ռուբլի․․․

― Խավա՛ր։

― Կաշառք չեմ վերցնում, փող չեմ գողանում և այն կեղծել չեմ կարող․․․

― Սարսա՛փ։

Էռնեստ Պավլովիչը լռեց։

― Ահա թե ինչ, ― ասաց նա, վերջապես, ― այսպես ապրել չի կարելի։

― Խո՛֊խո՛, ― ասաց Էլլոչկան, նստելով նոր աթոռին։

― Մենք պետք է բաժանվենք։

― Դրա՜ն մի տես։

― Մեր բնավորություններն իրար չեն բռնում։ Ես․․․

― Դու հաստ ու սիրուն տղա ես։

― Քանի անգամ եմ խնդրել, որ ինձ տղա չանվանես։

― Կատակում եք։

― Որտեղի՞ց էլ վերցրել ես այդ ապուշային ժարգոնը։

― Մի սովորեցրեք ինձ ապրել։

― Օ՜, սատանա, ― բղավեց ինժեները։

― Գյադայություն եք անում, Էռնեստո՛ւլյա։

― Եկ հաշտ ու խաղաղ բաժանվենք։

― Օհո՛։

― Դու ինձ ոչինչ չես ապացուցի։ Այս վեճը․․․

― Ես քեզ կծեծեմ, ինչպես երեխայի։

― Ոչ, սա բոլորովին անտանելի է։ Քո փաստարկները չեն կարող ինձ ետ պահել այն քայլից, որ ստիպված եմ անել։ Ես հենց հիմա գնում եմ բեռնակրի ետևից։

Կահույքը հավասար կկիսենք։

Սարսա՛փ։

― Դու կստանաս ամսական հարյուր ռուբլի։ Նույնիսկ հարյուր քսան։ Սենյակը քեզ կմնա։ Ապրիր, ինչպես ուզում ես, իսկ ես այսպես չեմ կարող․․․

― Նշանավո՜ր է, ― ասաց Էլոչկան արհամարհանքով։

― Իսկ ես կտեղափոխվեմ Իվան Ալեքսեևիչի մոտ։

― Օհո՛։

― Նա գնացել է ամառանոց և ամառվա ընթացքում իր ամբողջ բնակարանը ինձ է թողել։ Բանալին մոտս է․․․ Միայն կահույք չկա։

― Լազա՜թ։

Էռնեստ Պավլովիչը հինգ րոպե անց վերադարձավ դռնապանի հետ։

― Դե, գարդերոբը ես չեմ վերցնի, նա քեզ ավելի է պետք, բայց ահա գրասեղանը, բարի եղիր․․․ Այս աթոռներից մեկն էլ վերցրեք, դռնապան։ Այս երկու աթոռներից մեկը վերցնում եմ։ Կարծում եմ, այդ իրավունքը ունեմ։ Էռնեստ Պավլովիչը կապեց իր իրերը մի մեծ կապոցի մեջ, սապոգները փաթաթեց լրագրով և շուռ եկավ դեպի դուռը։

― Քո մեջքն ամբողջովին սպիտակ է, ― ասաց Էլլոչկան գրամոֆոնի ձայնով։

― Ցտեսությո՛ւն, Ելենա։

Նա սպասում էր, որ կինը գեթ այս դեպքում ձեռնպահ կմնա սովորական մետաղյա խոսքերից։ Էլլոչկան նույնպես զգաց րոպեի ողջ լրջությունը։ Նա լարվեց և սկսեց անջատման համար խոսքեր որոնել։ Նրանք իսկույն գտնվեցին։

― Կգնաս տաքսոո՜վ։ Լազա՜թ։

Ինժեները ձնակուտի պես գլորվեց սանդուղքով։

Երեկոն Էլլոչկան անցկացրեց Ֆիմկա Սո՛բակի հետ։ Նրանք քննարկում էին արտաքո կարգի մի դեպք, որն սպառնում էր շուռ տալ համաշխարհային էկոնոմիկան։

― Թվում է, թե կրելու են երկար ու լայն, ― ասում էր Ֆիմկան, հավի պես գլուխը ուսերի մեջ խրելով։

― Խավա՛ր։

Եվ Էլլոչկան հարգանքով նայեց Ֆիմկա Սո՛բակին։ Մադմաուզել Սո՛բակը կուլտուրական աղջկա համբավ ուներ․ նրա բառարանում մոտ հարյուր ութսուն բառ կար։ Ընդ որում նրան մի այնպիսի խոսք էր հայտնի, որ Էլլոչկան երազումն անգամ չէր կարող լսել։ Դա հարուստ մի խոսք էր՝ հոմոսեկսուալիզմ։ Ֆիմկա Սո՛բակն անկասկած կուլտուրական աղջիկ էր։

Աշխույժ զրույցը տիրեց մինչև կեսգիշերը։

Առավոտյան ժամը տասին մեծ կոմբինատորը մտավ Վարսնոֆևյան նրբանցքը։ Առջևից վազում էր մի քիչ առաջվա անապաստան տղան։ Նա ցույց տվեց տունը։

― Չե՞ս ստում։

― Ի՜նչ եք ասում, քեռի․․․ Այ հրես, այս շքամուտքը։

Բենդերը տվեց տղային ազնվորեն վաստակած մի ռուբլին։

― Ավելացնել է պետք, ― ասաց տղան կառապանի պես։

― Մեռած էշից ականջ։ Կստանաս Պուշկինից։ Ցտեսությո՛ւն, անորա՛կ։

Օստապը բախեց դուռը, բնավ չմտածելով, թե ինչ պատրվակով է ներս մտնելու։ Դամաների հետ խոսելու համար նա նախապատվություն էր տալիս նեշնչմանը։

― Օհո՞, ― հարցրին դռան ետևից։

― Գործով, ― պատասխանեց Օստապը։

Դուռը բացվեց։ Օստապն անցավ սենյակը, որը կարող էր կահավորված լինել միայն փայթփորիկի երևակայություն ունեցող էակի կողմից։ Պատերից կախված էին կինոբացիկներ, տիկնիկներ և տամբովյան գոբելեններ։ Այդ խայտաբղետ ֆոնի վրա, որից աչքերը շաղվում էին, դժվար էր նկատել սենյակի փոքրիկ տիրուհուն։ Նա հագին ուներ խալաթ, որը ձեվափոխել էր Էռնեստ Պավլովիչի տոլստովկայից և եզրակարել հանելուկային մորթիով։

Օստապն իսկույն հասկացավ, թե ինչպես է պահելու իրեն բարձրաշխարհիկ շրջանում։ Նա աչքերը փակեց և մի քայլ ետ գնաց։

― Հիանալի՜ մորթի է, ― բացականչեց նա։

― Կատակում եք, ― քնքշորեն ասաց Էլլոչկան։ ― Սա մեքսիկական ճագարամուկ է։

― Չի՛ կարող պատահել։ Ձեզ խաբել են։ Ձեզ շատ ավելի լավ մորթի են տվել։ Դա Շանհայի հովազ է։ Այո, այո, հովազ։ Ես երանգից եմ ճանաչում։ Տեսեք, թե մորթին ինչպես է խայտում արևի տակ․․․ Զմրուխտ է, զմրուխտ։

Էլլոչկան ինքն էր ներկել մեքսիկական ճագարամուկը կանաչ ջրաներկով, ուստի և առավոտվա այցելուի գովասանքն առանձնապես հաճելի էր։

Տանտիրուհուն ուշքի գալու հնարավորություն չտալով, մեծ կոմբինատորը դուրս տվեց այն ամենը, ինչ երբևէ լսել էր մորթիների մասին։ Դրանից հետո խոսք բացվեց մետաքսի մասին, և Օստապը հմայիչ տանտիրուհուն խոստացավ մի քանի հարյուր մետաքսի բոժոժ, որն իբր բերել էր Ուզբեկստանի Կենտգործկոմի նախագահը։

― Դուք շատ լավ տղա եք, ― նկատեց Էլլոչկան ծանոթության առաջին րոպեներից հետո։

― Ձեզ, իհարկե, զարմացրեց անհայտ տղամարդու վաղ այցելությունը։

― Խո՛֊խո՛։

― Բայց ես եկել եմ նուրբ գործով։

― Կատակում եք։

― Դուք երեկ աճուրդում էիք և ինձ վրա չափազանց մեծ տպավորություն գործեցիք։

― Գյադայություն եք անում։

― Ի սե՜ր աստծո։ Գյադայություն անել ձեզ նման հիասքանչ կնոջ հետ՝ տմարդություն է։

― Սարսա՛փ։

Զրույցն այնուհետև շարունակվեց նույն ուղղությամբ, որը, սակայն, որոշ դեպքերում հրաշալի արդյունքներ էր տալիս։ Բայց Օստապի կոմպլիմենտները գնալով ավելի ջրիկանում և կարճանում էին։ Նա նկատեց, որ երկրորդ աթոռը սենյակում չէ։ Ստիպված եղավ հետքերը որոնել։ Իր հարցուփորձերը համեմելով արևելյան գունեղ շողոքորթությամբ, Օստապն իմացավ Էլլոչկայի կյանքում երեկ տեղի ունեցած դեպքերի մասին։

«Նոր գործ, անցավ նրա մտքով, ― աթոռները դես ու դեն են սողում ուտիճների պես»։

― Անուշիկ աղջիկ, ― անսպասելիորեն ասաց Օստապը, ― ծախեցեք ինձ այս աթոռը։ Նա ինձ շատ է դուր գալիս։ Միայն դուք ձեր կանացի հոտառությամբ կարող էիք ընտրել այպիսի գեղարվեստական մի իր։ Ծախեցե՛ք, աղջիկս, իսկ ես ձեզ կտամ յոթ ռուբլի։

― Գյադայություն եք անում, տղա, ― խորամանկորեն ասաց Էլոչկան։

― Խո՛֊խո՛, ― վրա բերեց Օստապը։

«Սրա հետ այլ կերպ պետք է գործել, ― որոշեց նա, ― առաջարկենք փոխանակություն»։

― Դուք գիտեք, որ հիմա Եվրոպայում և Ֆիլադելֆիայի լավագույն տներում վերականգնել են թեյը քամիչով լցնելու հինավուրց մոդան։ Անասելի էֆեկտավոր և շատ նրբաճաշակ բան է։

Էլլոչկան ուշադրությունը լարեց։

― Հենց Վիեննայից ինձ մոտ է եկել ծանոթ մի դիվանագետ և նվեր է բերել։ Հետաքրքրիր բան է։

― Պետք է որ նշանավոր լինի, ― հետաքրքրվեց Էլլոչկան։

― Օհո՛։ Խո՛֊խո՛։ Եկեք փոխանակենք։ Դուք ինձ՝ աթոռը, իսկ ես ձեզ՝ թեյքամիչը։ Ուզո՞ւմ եք։

Եվ Օստապը գրպանից հանեց ոսկեջրած փոքրիկ թեյքամիչը։

Արևը ձվի պես թավալվում էր թեյքամիչի մեջ։ Ցոլքերը ցատկոտում էին առաստաղին։ Անսպասելի կերպով լուսավորվեց սենյակի մութ անկյունը։ Թեյքամիչը այնպես հմայիչ տպավորություն գործեց Էլլոչկայի վրա, ինչպես պահածոյի հին տուփն է գործում մարդակեր Մամբո֊Յումբայի վրա։ Նման դեպքերում մարդակերը բղավում է ամբողջ ձայնով, մինչդեռ Էլլոչկան կամացուկ հառաչեց․

― Խո՛֊խո՛։

Սթափվելու ժամանակ չտալով, Օստապը թեյքամիչը դրեց սեղանին, վերցրեց աթոռը և, հիասքանչ կնոջից իմանալով ամուսնու հասցեն, քաղաքավարի գլուխ տվեց։

Աբեսալոմ Վլադիմիրովիչ Իզնուրենկով

Կոնցեսիոներների համար թեժ օրեր սկսվեցին։ Օստապը պնդում էր, թե աթոռները պետք է տաք֊տաք ծեծել։ Իպոլիտ Մատվեևիչը ներումն էր ստացել, թեև ժամանակ առ ժամանակ Օստապը հարցաքննում էր նրան։

― Ինչ ղալաթ արեցի, որ կապվեցի ձեզ հետ։ Ճիշտն ասած, դուք իմ ինչի՞ն եք պետք։ Լավ կանեիք գնայիք ձեր տուն, զագս։ Այնտեղ ձեզ սպասում են հանգուցյալները, նորածինները։ Մի տանջեք մանկիկներին։ Գնացե՛ք։

Բայց հոգու խորքում մեծ կոմբինատորը կապվել էր վայրենացած պարագլխին։ «Առանց նրան այնքան էլ ծիծաղելի չէ ապրելը», ― մտածում էր Օստապը։ Եվ նա ուրախ նայում էր Վորոբյանինովին, որի գլխին արդեն արծաթյա գազոն էր բուսել։

Աշխատանքների պլանում Իպոլիտ Մատվեևիչի նախաձեռնությունը կարգին տեղ էր հատկացված։ Հենց որ մեղմաբարո Իվանոպուլոն գնում էր, Բենդերը իր կոմպանյոնի գլխին էր մոտեցնում գանձերը գտնելու ամենակարճ ուղիները։

― Գործել համարձակ։ Ոչ ոքի չհարձուփորձել։ Ավելի շատ անպատկառություն։ Դա դուր է գալիս մարդկանց։ Երրորդ անձերի միջոցով ոչինչ չձեռնարկել։ Հիմարներ այլևս չկան։ Ոչ ոք ձեզ համար ադամանդ դուրս չի քաշի ուրիշի գրպանից։ Բայց և առանց քրեագործության։ Օրենսգիրքը մենք պետք է հարգենք։

Եվ այնուամենայնիվ հետախուզման գործերը այնքան էլ փայլուն չէին ընթանում։ Խանգարում էին քրեական օրենսգիրքը և մեծ թվով բուրժուական նախաշարժմունքներ, որ պահպանվել էին մայրաքաղաքի բնակիչների մոտ։ Նրանք, օրինակ, հանդուրժել չէին կարող գիշերային այցելությունները՝ օդանցքների միջով։ Ստիպված էին միայն լեգալ աշխատել։

Էլլոչլա Շչուկինայի մոտ Օստապի կատարած այցելության օրը ուսանող Իվանոպուլոյի սենյակում կահույք հայտնվեց։ Դա թեյքամիչի հետ փոխանակված աթոռն էր ― էքսպեդիցիայի երրորդ ավարը։ Վաղուց անցել էր այն ժամանակը, երբ ադամանդների ետևից ընկնելը ընկերների մեջ հուժկու հույզեր էր հարուցում, երբ նրանք մագիլներով հոշոտում էին աթոռները և կրծում նրանց զսպանակաները։

― Եթե նույնիսկ աթոռների մեջ ոչինչ չկա, ― ասում էր Օստապը, ― հաշվեք, որ մենք արդեն վաստակել ենք առնվազն տասը հազար։ Ամեն մի բացած աթոռ ավելացնում է մեր շանսերը։ Ի՞նչ արած, որ դամոչկայի աթոռի մեջ ոչինչ չկա։ Դրա համար չարժե կոտրատել այն։ Թող Իվանոպուլոն կայքի տեր դառնա։ Մեզ համար էլ հաճելի կլինի։

Նույն օրը կոնցեսիոներները չվեցին վարդագույն տնակից և ցրվեցին տարբեր կողմեր։ Իպոլիտ Մատվեևիչին հանձնարարված էր Սադովո֊Սպասսկայի մկկացող անծանոթը, ծախսերի համար տրված էր քսանհինգ ռուբլի, պատվիրված էր գարեջրատուն չմտնել և չվերադառնալ առանց աթոռի։ Էլլոչկայի ամուսնուն մեծ կոմբինատորը վերցրեց իր վրա։

Իպոլիտ Մատվեևիչը N 6 ավտոբուսով կտրեց անցավ քաղաքը։ Կաշվե նստարանի վրա ցնցվելով և վեր֊վեր թռչելով մինչև կառեթի լաքած առաստաղը, նա մտածում էր այն մասին, թե ինչպես իմանա մկկացող քաղաքացու ազգանունը, ինչ պատրվակով մտնի նրա մոտ, ինչ ասի առաջին ֆրազով և ինչպես անցնի բուն նյութին։

Կարմիր դարբասների մոտ իջնելով, նա Օստապի գրած հասցեով գտավ հարկավոր տունը և սկսեց ման գալ նրա շուրջը։ Նա սիրտ չէր անում ներս մտնել։ Դա մի հին, մոսկովյան կեղտոտ հյուրանոց էր, որ վերածել էին բնակընկերության, և դատելով շենքի ցեխոտված ճակատից, կոմպլեկտավորել էին չարամիտ չվճարողներով։

Իպոլիտ Մատվեևիչը երկար կանգնեց շքամուտքի առաջ․ նա մոտենում էր նրան, բերանացի արավ ձեռագիր հայտարարությունը, որի մեջ սպառնալիքներ կային անփույթ կենվորների հասցեին և, ոչ մի որոշում չընդունելով, բարձրացավ երկրորդ հարկ։ Առանձին սենյակները դուրս էին գալիս միջանցք։ Դանդաղ, ասես գրատախտակին էր մոտենում ապացուցելու չսովորած թեորեման, Իպոլիտ Մատվեևիչը մոտեցավ N 41 սենյակին։ Դռան վրա մի կնոպկայով գլխիվայր ամրացված էր այցեքարտ․

Կատարյալ մտախավարումի պայմաններում, Իպոլիտ Մատվեևիչը մոռացավ թակել, բացեց դուռը, լուսնոտի երեք քայլ արեց և հայտնվեց սենյակի մեջտեղում։

― Ներեցեք, ― ասաց նա խեղդված ձայնով, ― կարո՞ղ եմ տեսնել ընկեր Իզնուրենկովին։

Աբեսալոմ Վլադիմիրովիչը չէր պատասխանում։ Վորոբյանինովը գլուխը բարձրացրեց և նոր միայն տեսավ, որ սենյակում ոչ ոք չկա։

Սենյակի արտաքին տեսքով դժվար էր որոշել տանտիրոջ հակումները։ Պարզ էր մի բան, որ նա ամուրի է և սպասավոր չունի։ Պատուհանի գոգին մի թուղթ էր դրված երշիկի կլեպներով։ Պատի տակի թախտը ծածկված էր թերթերով։ Փոքրիկ գրադարակի վրա մի քանի փոշոտ գրքեր կային։ Պատերի վրայից նայում էին կատուների և կատվիկների գունավոր նկարներ։ Սենյակի մեջտեղը, թեք ընկած կեղտոտ կոշիկների կողքին կաղնե սեղան էր դրված։ Կահավորման բոլոր առարկաներից, այդ թվում և ստարգորոդյան առանձնատան աթոռից մորեգույն զմուռսե կնիքներ էին կախված։ Բայց Իպոլիտ Մատվեևիչը ուշադրություն չդարձրեց դրանց վրա։ Նա անմիջապես մոռացավ քրեական օրենսգիրքը, Օստապի խրատները և վրա պրծավ աթոռին։

Այդ ժամանակ թախտի վրա թերթերը շարժվեցին։ Իպոլիտ Մատվեևիչը վախեցավ։ Թերթերը սահեցին ու ընկան հատակին։ Նրանց տակից դուրս եկավ հանգիստ մի կատու։ Նա անտարբեր նայեց Իպոլիտ Մատվեևիչին և սկսեց լվացվել, թաթիկներով ականջը, այտը և բեղը տրորելով։

― Փո՛ւհ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։

Եվ աթոռը քարշ տվեց դեպի դուռը։ Դուռն ինքն իրեն բացվեց։ Շեմքին հայտնվեց սենյակի տերը՝ մկկացող անծանոթը։ Նա վերարկուով էր, որի տակից երևում էր մանուշակագույն վարտիքը։ Ձեռքին բռնած ուներ շալվարը։

Աբեսալոմ Վլադիմիրովիչ Իզնուրենկովի մասին կարելի էր ասել, որ նման մեկ ուրիշը չկար ամբողջ հանրապետության մեջ։ Հանրապետությունն ըստ արժանվույն գնահատում էր նրան։ Նա մեծ օգուտ էր բերում հանրապետությանը։ Եվ այնուամենայնիվ նա մնում էր անհայտ, թեև իր արվեստի մեջ նույնքան վարպետ էր, որքան Շալյապինը՝ երգի, Գորկին՝ գրականության, Կապաբլանկան՝ շախմատի, Մելնիկովը՝ չմուշկներով վազքի և Տվերսկոյի ու Կամերգրադսկու անկյունում լավագույն տեղը գրաված մեծագույն քթով դարչնագույն ասորին՝ դեղին կրեմով սապոգներ մաքրելու մեջ։

Շալյապինը երգում էր։ Գորկին մեծ վեպ էր գրում։ Կապաբլանկան պատրաստվում էր մրցելու Ալյոխինի հետ։ Մելնիկովը ռեկորդներ էր պոկում։ Ասորին քաղաքացիների կոշիկները հասցնում էր արևային փայլի։ Աբեսալոմ Իզնուրենկովը սրամտում էր։

Նա երբեք չէր սրամտում աննպատակ՝ ի սեր դիպուկ խոսքի։ Այդ բանը նա անում էր երգիծական ամսագրերի առաջադրանքներով։ Իր ուսերի վրա նա տանում էր պատասխանատու կամպանիաներ, նկարների և ֆելիետոնների թեմաներ էր մատակարարում մոսկովյան երգիծական ամսագրերի մեծամասնությանը։

Մեծ մարդիկ իրենց կյանքում սրամտում են երկու անգամ։ Այդ սրամտությունները մեծացնում են նրանց փառքը և մնում պատմության մեջ։ Իզնուրենկովը ամսական բաց էր թողնում ամենապակասը վաթսուն առաջնակարգ սրամտություն, որոնց ժպիտով կրկնում էին բոլորը, և այնուամենայնիվ մնում էր անհայտության մեջ։ Եթե Իզնուրենկովի սրամտությունը դնում էին նկարի տակ, ապա փառքը բաժին էր ընկնում նկարչին։ Նկարչի անունը տեղավորում էին նկարի վերևում։ Իզնուրենկովի անունը չէր լինում։

― Դա սարսափելի է, ― բղավում էր նա։ ― Անհնարին է ստորագրել։ Ինչի՞ տակ ստորագրեմ։ Եկու տողի՞։

Եվ նա շարունակում էր կատաղի պայքարել հասարակության թշնամիների՝ վատ կոոպերատորների, վատնիչների, Չեմբեռլենի, բյուրոկրատների դեմ։ Նա իր սրամտություններով խայթում էր քծնողներին, տնային կառավարիչներին, մասնավորներին, վարիչներին, խուլիգաններին, քաղաքացիներին, որոնք չէին ցանկանում գներն իջեցնել, և խնայողության ռեժիմից խուսափող տնտեսվարներին։

Ամսագրի լույս տեսնելուց հետո սրամտությունները արտասանվում էին կրկեսի հրապարակներից, արտացոլվում էին երեկոյան թերթերում առանց աղբյուրը ցույց տալու և բեմերից հրամցվում էին հասարակությանը «կուպլետիստ֊հեղինակների» կողմից։

Իզնուրենկովը կարողանում էր սրամտել այն բնագավառներում, ուր թվում էր, թե արդեն ոչ մի ծիծաղելի բան ասել չի կարելի։ Այնպիսի հյուծված անապատից, ինչպիսին ինքնարժեքի ուռցված վերադիրներն են, Իզնուրենկովը կարողանում էր հումորի մոտ հարյուր գլուխգործոցներ քամել։ Հայնեի ձեռքերը կթուլանային, եթե նրան առաջարկեին որևէ ծիծաղելի և միաժամանակ հասարակականորեն օգտակար բան ասել փոքր արագության բեռների սխալ տարիֆադրման մասին։ Մարկ Տվենը կփախչեր այդպիսի թեմայից։ Բայց Իզնուրենկովը մնում էր իր պոստում։

Նա վազվզում էր խմբագրական սենյակներով, դիպչելով մոխրամաններին և մկկալով։ Տասը րոպեից թեման մշակված էր լինում, նկարը լավ մտածված և վերնագիրը սարքած։

Տեսնելով իր սենյակում մի մարդու, որ տանում է կնքած աթոռը, Աբեսալոմ Վլադիմիրովիչը թափահարեց հենց նոր դերձակի մոտ արդուկած շալվարը, ցատկոտեց և ծղրտաց․

― Գժեվ՛լ եք, ինչ է։ Ես բողոքում եմ։ Դուք իրավունք չունեք։ Վերջապես, օրենք կա։ Թեև այն հիմարների համար չի գրված, բայց դուք հավանորեն լսած կլինեք, որ կահույքը դեռ կարող է երկու շաբաթ մնալ․․․ Ես կբողոքեմ դատախազին․․․ Ես կվճարեմ, վերջապես։

Իպոլիտ Մատվեևիչը կանգնել էր տեղում, իսկ Իզնուրենկովը դեն նետեց վերարկուն և, դռներից չհեռանալով, շալվարը քաշեց իր Չիչիկովի ոտքերի պես չաղ ոտքերը։ Իզնուրենկովը հաստլիկ էր, բայց վտիտ դեմք ուներ։

Վորոբյանինովը չէր կասկածում, որ հիմա իրեն կբռնեն և քարշ կտան միլիցիա։ Ուստի և խիստ զարմացավ, երբ սենյակի տերը, իր վրան֊գլուխը կարգի բերելուց հետո, անսպասելիորեն հանդարտվեց։

― Հասկացեք ախր, ― խոսել սկսեց տանտերը, հաշտվողական տոնով, ― չէ՞ որ ես չեմ կարող համաձայնել դրան։

Իպոլիտ Մատվեևիչը Իզնուրենկովի փոխարեն նույնպես կարող էր վերջ ի վերջո չհամաձայնել, որ օր ցերեկով իրենից աթոռները գողացան։ Բայց նա չգիտեր ինչ ասել, ուստի լռում էր։

― Այդ ես չեմ մեղավոր։ Մեղավորը ինքը Մուզպրեդն է։ Այո, ես խոստովանում եմ, ութ ամիս չեմ վճարել վարձով վերցրած դաշնամուրի համար, բայց հո չեմ ծախել, թեև լիակատար հնարավորություն ունեի այդ անելու։ Ես ազնվորեն վարվեցի, իսկ նրանք ժուլիկաբար։ Դաշնամուրը վերցրին հերիք չէ, դատարան էլ տվեցին և կահույքը վերգրեցին։ Ինձ մոտ վերգրել ոչինչ չի կարելի։ Այս կահույքը արտադրության գործիք է։ Աթոռը նույնպես արտադրության գործիք է։

Իպոլիտ Մատվեևիչը ինչ֊որ բան գլխի ընկավ։

― Բա՛ց թողեք աթոռը, ― հանկարծ վնգստաց Աբեսալոմ Վլադիմիրովիչը։ ― Լսո՞ւմ եք։ Դո՛ւք։ Բյուրոկրա՛տ։

Իպոլիտ Մատվեևիչը խոնարհաբար բաց թողեց աթոռը և թոթովեց․

― Ներեցեք, թյուրիմացություն է, պաշտոնս է այսպիսին։

Այստեղ Իզնուրենկովը սաստիկ ուրախացավ։ Նա սկսեց վազվել սենյակում և երգել․ «Իսկ առավոտյան նա կրկին ժպտում էր, ինչպես միշտ իր պատուհանի առջև»։ Նա չգիտեր, թե ինչ աներ իր ձեռքերի հետ։ Նրանք թռչում էին։ Նա սկսեց կապել իր փողկապը և, չպրծած, թողեց։ Ապա վերցրեց լրագիրը և, ոչինչ չկարդալով, նետեց հատակին։

― Ուերմն այսօր կահույքը չե՞ք վերցնի․․․ Լա՛վ է։ Ա՛խ, ա՛խ։

Իպոլիտ Մատվեևիչը օգտվելով բարեհաջող դասավորված հանգամանքներից, շարժվեց դեպի դուռը։

― Սպասեցե՛ք, ― բղավեց հանկարծ Իզնուրենկովը ― Դուք երբևէ տեսե՞լ եք այսպիսի կատու։ Ասացեք, նա իսկապե՞ս արտաքո կարգի փափկամազ է։

Կատուն հայտնվեց Իպոլիտ Մատվեևիչի դողդոջուն ձեռքերի մեջ։

― Բա՛րձր դաս․․․ ― քրթմնջում էր Աբեսալոմ Վլադիմիրովիչը, չիմանալով ինչ անել իր անսպառ եռանդը։ ― Ա՛խ, ա՛խ․․․

Նա նետվեց դեպի պատուհանը, ձեռքերը իրար զարկեց և սկսեց հաճախակի գլուխ տալ դիմացի տան պատուհանից իրեն նայող երկու աղջիկներին։ Նա դոփում էր տեղում և քնքշանքով հոգոցներ քաշում։

― Արվարձանի աղջիկնե՛ր։ Լավագույն պտո՛ւղը․․․ Բա՛րձր դաս․․․ Ա՛խ․․․ «Իսկ առավոտյան նա կրկին ժպտում էր, ինչպես միշտ իր պատուհանի առջև․․․»։

― Դե, ես գնում եմ, քաղաքացի, ― հիմարաբար ասաց կոնցեսիայի դիրեկտորը։

― Սպասեցեք, սպասեցեք, ― հանկարծ իրար անցավ Իզնուրենկովը։ ― Մի րոպե․․․ Ա՛խ․․․ Բա կատո՞ւն։ Նա արտաքո կարգի փափկամազ է, այնպես չէ՞․․․ Սպասեցեք․․․ Ես հիմա․․․

Նա շփոթված քրքրեց գրպանները, վազեց, վերադարձավ, ախ քաշեց, պատուհանից դուրս նայեց, նորից վազեց ու նորից վերադարձավ։

― Ներեցեք, հոգյակս, ― ասաց նա Վորոբյանինովին, որն այդ ամբողջ բարդ գործողությունների ընթացքում կանգնել էր ձեռքերը զինվորավարի ծալած։

Այդ ասելուն պես նա հիսուն կոպեկ տվեց պարագլխին։

― Ոչ, ոչ, մի հրաժարվեք, խնդրում եմ։ Ամեն մի աշխատանք պետք է վարձատրվի։

― Անչափ շնորհակալ եմ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, զարմանալով իր հնարագիտության վրա։

― Շնորհակալություն, սիրելիս, շնորհակալություն, հոգյակս։

Միջանցքով անցնելիս, Իպոլիտ Մատվեևիչը լսեց Իզնուրենկովի սենյակից մկկոց, ճղճղոց, երգ ու բուռն ճիչեր։

Փողոցում Վորոբյանինովը հիշեց Օստապին և վախից դողաց։

Էռնեստ Պավլովիչ Շչուկինը թրև էր գալիս դատարկ բնակարանում, որն ամառվա ընթացքում սիրալիր նրան էր զիջել իր բարեկամը, և որոշում էր մի հարց՝ վաննա ընդունե՞լ, թե չընդունել։

Երեքսենյականոց բնակարանը տեղավորված էր իննհարկանի տան հենց կտուրի տակ։ Նրանում, բացի գրասեղանից և Վորոբյանինովի աթոռից, միայն մի տրյումո կար։ Արևն անդրադառնում էր հայելու մեջ և աչք էր ծակում։ Ինժեները պառկեց գրասեղանի վրա, բայց իսկույն վեր ցատկեց։ Ամեն ինչ շիկացած էր։

«Գնամ լվացվեմ», ― որոշեց նա։

Նա հանվեց, հովացավ, նայեց հայելու մեջ և գնաց վաննայի սենյակը։ Զովությունը պարուրեց նրան։ Նա մտավ վաննան, էմալե կապույտ ամանով ջուր շաղ տվեց վրան և առատորեն սապնվեց։ Նա ամբողջովին ծածկվեց սապնի փրփուրով և նմանվեց տոնածառի ձմեռ֊պապիկի։

― Լա՜վ է, ― ասաց Էռնեստ Պավլովիչը։

Ամեն բան լավ էր։ Զովություն տիրեց։ Կինը չկար։ Առջևում լիակատար ազատություն էր։ Ինժեները նստեց և պտտեցրեց ծորակը, որպեսզի սապոնը մաքրի։ Ծորակը շնչասպառ եղավ և սկսեց դանդաղորեն ինչ֊որ անորոշ բաներ ասել։ Ջուր չէր գալիս։ Էռնեստ Պավլովիչը լպրծուն ճկույթը մտցրեց ծորակի անցքը։ Մի բարակ շիթ ծորաց, բայց ուրիշ ոչինչ չկար։ Էռնեստ Պավլովիչը կնճռոտվեց, դուրս եկավ վաննայից, ոտքերը հերթով բարձրացնելով, և գնաց դեպի խոհանոցային ծորակը։ Բայց այնտեղ էլ հնարավոր չեղավ որևէ բան կթել։

Էռնեստ Պավլովիչը քստքստացնելով անցավ սենյակներով և կանգնեց հայելու առջև։ Փրփուրը կսկծացնում էր աչքերը, մեջքը քոր էր գալիս, սապոնի քուլաները թափվում էին պարկետի վրա։ Ականջ դնելով՝ արդյոք չի գալիս վաննայի ջուրը, Էռնեստ Պավլովիչը որոշեց կանչել դռնապանին։

«Թող գոնե նա ջուր բերի, ― որոշեց ինժեները աչքերը տրորելով և դանդաղ եռ գալով, ― թե չէ սատանան գիտե՝ ինչ բան է սա»։

Նա նայեց պատուհանից դուրս։ Բակի խոր հատակում երեխաներ էին խաղում։

― Դռնապա՛ն, ― բղավեց Էռնեստ Պավլովիչը։ ― Դռնապա՛ն։

― Ոչ ոք չարձագանքեց։

Այդ պահին Էռնեստ Պավլովիչը հիշեց, որ դռնապանը ապրում է շքամուտքում, սանդուղքի տակ։ Նա ոտքը դրեց սառը սալիկների վրա և, դուռը ձեռքով պահելով, կախվեց ներքև։ Հարթակի վրա մի բնակարան կար միայն, և Էռնեստ Պավլովիչը չէր վախենում, թե իրեն կարող են տեսնել սապնափրփուրի այդ տարօրինակ հագուստով։

― Դռնապա՛ն, ― բղավեց նա ներքև։

Խոսքը թնդաց և աղմուկով գլորվեց աստիճաննեով։

― Գո՛ւ֊գո՛ւ, ― պատասխանեց սանդուղքը։

― Դռնապա՛ն, դռնապա՛ն։

― Դո՛ւմ֊դո՛ւմ։ Դո՛ւմ֊դո՛ւմ։

Այդ պահին բոբիկ ոտքերն անհամբեր շարժող ինժեները սայթաքեց և հավասարակշռությունը պահպանելու համար դուռը ձեռքից բաց թողեց։ Դուռը չրխկաց ամերիկայն կողպեքի մետաղյա լեզվակով և փակվեց։ Պատը դողաց։ Էռնեստ Պավլովիչը, դեռ չհասկանալով պատահած դեպքի անուղղելիությունը, քաշեց դռան բռնակից։ Դուռը չէր բացվում։

Ինժեները շշմած մի քանի անգամ ևս ձգեց և ականջ դրեց բաբախող սրտով։ Մթնաշղի եկեղեցական լռություն էր տիրում։ Շատ բարձր պատուհանի գույնզգույն ապակիների միջով հազիվ լույս էր թափանցում։

«Ա՜յ քեզ դրություն», ― անցավ Էռնեստ Պավլովիչի մտքով։

― Սրիկայի մեկը, ― ասաց նա դռան հասցեին։

Ներքևում ճայթռուկների պես որոտալ և պայթել սկսեցին մարդկային ձայներ։ Հետո բարձրախոսի պես հաչել սկսեց սենյակի շունը։

Սանդուղքով վեր էին հրում մի մանկասայլակ։

Էռնեստ Պավլովիչը վախվխելով ման էր գալիս հարթակի վրա։

― Գժվել կարելի է։

Նրան թվաց, թե այս ամենը շատ անհեթեթ բան է, դժվար թե իրականում պատահած լինի։ Նա կրկին մոտեցավ դռանը և ականջ դրեց։ Ինչ֊որ նոր ձայներ լսեց։ Սկզբում նրան թվաց, թե մեկը ման է գալիս սենյակում։

«Գուցե մեկն ու մեկը նե՞րս է մտել ետևի դռնից», ― մտածեց նա, թեև գիտեր, որ ետևի մուտքի դուռը փակ է և ոչ ոք չի կարող սենյակ մտնել։

Միալար աղմուկը շարունակվում էր։ Ինժեները շունչը պահեց։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ աղմուկը առաջանում է ջրի ճողփյունից։ Ըստ երևույթին ջուրը հոսում էր բնակարանի բոլոր ծորակներից։ Էռնեստ Պավլովիչը քիչ մնաց բարձրաձայն լաց լիներ։

Սոսկալի դրություն էր։ Մոսկվայում, քաղաքի կենտրոնում, իններորդ հարկի հարթակի վրա կանգնել էր մեծահասակ բեղավոր մի մարդ՝ բարձր կրթությամբ, բացարձակապես մերկ և ամբողոջովին պատած դեռևս շարժվող սապնափրփուրով։ Նա գնալու տեղ չուներ։ Նա ավելի շատ կհամաձայնվեր բանտ նստել, քան երևալ այդ տեսքով։ Մնում էր մի բան՝ կորչել։ Փրփուրը պայթում և այրում էր մեջքը։ Ձեռքերի և ոտքերի վրա այն արդեն սառել էր, դարձել թեփի նման և ձգում էր մաշկը, ածելիի քարի պես։

Այդպես անցավ կես ժամ։ Ինժեները քորվում էր գաջե պատերին, հառաչում էր և մի քանի անգամ ապարդյուն փորձ արեց դուռը կոտրելու։ Նա դարձել էր կեղտոտ և սարսափելի։

Շչուկինը որոշեց ինչ գնով էլ ուզում է լինի ինջնել ներքև, դռնապանի մոտ։

«Չէ, ուրիշ ելք չկա։ Միայն թաքնվել դռնապանի մոտ»։

Շնչակտուր լինելով և ձեռքերով այնպես պաշտպանվելով, ինչպես անում են տղամարդիկ ջուրը մտնելիս, Էռնեստ Պավլովիչը սկսեց դանդաղ, գողեգող իջնել ճաղաշարքի երկարությամբ։ Նա հայտնվեց ութերորդ և իններորդ հարկի միջև եղած հարթակի վրա։

Նրա կերպարանքը լուսավորվեց պատուհանի գույնզգույն ռոմբերով և քառակուսիներով։ Նա սկսել էր նմանվել Կոլոմբինայի և Միմոսի խոսակցությունը լսող Արլեկինին։ Նա արդեն թեքվել էր սանդուղքի նոր բացվածքը, երբ հանակարծ ներքևի բնակարանի դռան կողպեքը չխկաց և բնակարանից դուրս եկավ մի օրիորդ՝ բալետային ճամպրուկով։ Օրիորդը դեռ մի քայլ չէր արել, երբ Էռնեստ Պավլովիչը հայտնվեց նորից իր հարթակի վրա։ Սրտի ուժգին բաբախումից նա գրեթե խլացել էր։

Կես ժամից հետո միայն ինժեները ուշքի եկավ և կարողացավ իջնելու նոր փորձ անել։ Այս անգամ նա հաստատ որոշեց սրընթաց նետվել ներքև և, ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնելով, վազեվազ հասնել մինչև նվիրական դռնապանի սենյակը։

Նա այդպես էլ արավ։ Անձայն թռչելով չորսական աստիճան և մի թեթև ոռնալով, ինժեներների և տեխնիկների սեկցիայի բյուրոյի անդամը արշավեց ներքև։ Վեցերորդ հարկի հարթակի վրա մի վայրկյան կանգ առավ։ Այդ բանը կործանեց նրան։ Ներքևից մեկը բարձրանում էր։

― Անտանելի տղա, ― լսվեց կանացի մի ձայն, որը բազմապատիկ ուժեղանում էր սանդուղքային բարձրախոսով։ ― Քանի֊քանի անգամ ասել եմ ես նրան։

Էռնեստ Պավլովիչը, ենթարկվելով արդեն ոչ թե գիտակցությանը, այլ բնազդին, շներից հալածված կատվի նման ցատկեց իններորդ հարկը։

Հայտնվելով թաց հետքերով ապականված իր հարթակի վրա, նա անձայն լաց եղավ, քաշելով իր մազերից և ջղաձգորեն օրորվելով։ Տաք արցունքները խրվեցին սապնե կեղևի մեջ և նրանում երկու ալիքաձև ակոսներ բացեցին։

― Տե՜ր աստված, ― ասաց ինժեները։ ― Աստվա՜ծ իմ։ Աստվա՜ծ իմ։

Կյանք չկար։ Մինչդեռ նա որոշակի լսեց փողոցով անցնող բեռնատարի աղմուկը։ Նշանակում է՝ ինչ֊որ տեղ ապրում էին։

Նա մի քանի անգամ էլ դրդեց իրեն ներքև իջնելու, բայց չկարողացավ՝ նյարդերը տեղի տվեցին։ Նա ընկել էր դամբարանի մեջ։

― Խոզի պես կեղտոտ հետքեր են թողել իրենց հետևից, ― լսեց նա պառավական մի ձայն ներքևի հարթակից։

Ինժեները մոտ վազեց պատին և գլխով մի քանի անգամ հարու տվեց նրան։ Շատ խելացի կլիներ, իհարկե, բղավեր այնքան ժամանակ, մինչև որ մեկը գար և ապա եկողին գերի հանձնվեր։ Բայց Էռնեստ Պավլովիչը բոլորովին կորցրել էր կշռադատելու ընդունակությունը և, ծանր շնչելով, պտույտ էր գալիս հարթակակի վրա։

Ելք չկար։

Ավտոմոբիլիստների ակումբը

Ժողտան երկրորդ հարկում տեղավորված «Հաստոց» ամենօրյա թերթի խմբագրությունում շտապ նյութեր էին թխում շարել տալու համար։

Շարված, բայց թերթի անցած համարում չզետեղված նյութերից ընտրում էին թղթակցություններ և հոդվածներ, հաշվում էին նրանց տողերի քանակը և սկսվում էր ամենօրյա առևտուրը տեղի համար։

Թերթն իր չորս էջերում կարող էր տեղավորել ընդամենը 4400 տող։ Այստեղ պետք է մտներ ամեն ինչ՝ հեռագիր, հոդվածներ, մի չափածո ֆելիետոն և երկուսը՝ արձակ, ծաղրանկարներ, լուսանկարներ, հատուկ բաժիններ՝ թատրոն, սպորտ, շախմատ, առաջնորդող և ենթաառաջնորդող, սովետական, պարտիական և արհեստակցական կազմակերպությունների ծանուցումներ, շարունակաբար տպագրվող վեպ, գեղարվեստական ակնարկներ մայրաքաղաքի կյանքից, մանրուքներ՝ «Փշրանքներ» վերնագրի տակ, գիտա֊հանրամատչելի հոդվածներ, ռադիո և զանազան պատահական նյութեր։ Ընդամենը բաժիններից հավաքվում էր տասը հազար տող։ Ուստի և տեղերի բաշխումը էջերի վրա սովորաբար ուղեկցվում էր դրամատիկ տեսարաններով։

Խմբագրության քարտուղարի մոտ առաջինը վազեց շախմատի բաժնի վարիչ մաեստրո Սուդեյկինը։ Նա տվեց քաղաքավարի և դառնությամբ լեցուն մի հարց․

― Ինչպե՞ս։ Այսօր շախմատ չի՞ լինելու։

― Չի տեղավորվում, ― պատասխանեց քարտուղարը։ ― Պադվալը մեծ է։ Երեք հարյուր տող։

― Բայց չէ՞ որ այսօր շաբաթ է։ Ընթերցողը սպասում է կիրակնօրյա բաժնին։ Ես ունեմ խնդրի պատասխաններ։ Ես ունեմ Նեունիվակոյի հիանալի էտյուդը, վերջապես ես ունեմ․․․

― Լավ։ Որքա՞ն եք ուզում։

― Ոչ պակաս հարյուր հիսունից։

― Լավ։ Դե որ խնդրի պատասխաններ կան, վաթսուն տող կտանք։

Մաեստրոն փորձեց աղերսելով ձեռք բերել ևս երեսուն տող գոնե Նեունիվակոյի էտյուդի համար (Տարտակովեր֊Բոգոլյուբով հնդկական հիանալի պարտիան ամսից ավելի ընկած էր իր մոտ), բայց նրան մի կողմ հրեցին։

Եկավ ռեպորտյոր Պերսիցկին։

― Տպավորություններ պլենումից պե՞տք է տալ, ― հարցրեց նա շատ կամաց։

― Իհարկե, ― բղավեց քարտուղարը։ ― Դեռ նախանցյալ օրն ենք ասել։

― Նյութը կա, ― ասաց Պերսիցկին ավելի կամացուկ, ― և երկու ուրվանկար, բայց նրանք ինձ տեղ չեն տալիս։

― Ինչպե՞ս թե չեն տալիս։ Ո՞ւմ հետ եք խոսել։ Գժվե՞լ են, ինչ է։

Քարտուղարը վազեց կռվելու։ Նրա ետևից ինտրիգելով վազում էր Պերսիցկին, իսկ ամենից վերջում վազում էր հայտարարությունների բաժնի աշխատակիցը։

― Մենք սեկարյան հեղուկ ունենք, ― բղավում էր նա տխուր ձայնով։

Նրա ետևից վազում էր տնտեսվարը, իր ետևից քարշ տալով խմբագրի համար աճուրդից գնած փափուկ աթոռը։

― Հեղուկը երեքշաբթի։ Այսօր տպագրում ենք մեր հավելվածները։

― Շա՜տ փող եք վաստակելու ձեր այդ ձրի հայտարարություններից, մինչդեռ հեղուկի փողն արդեն ստացվել է։

― Լավ, գիշերային խմբագրության ժամանակ կպարզենք։ Հայտարարությունը հանձնեք Պաշային։ Նա հենց հիմա գնում է գիշերային խմբագրություն։

Քարտուղարը նստեց առաջնորդողը կարդալու։ Նրան անմիջապես կտրեցին այդ հրապուրիչ զբաղմունքից։ Եկավ նկարիչը։

― Ըհը, ― ասաց քարտուղարը, ― շատ լավ է։ Ծաղրանկարի թեմա կա՝ Գերմանիայից ստացված վերջին հեռագրերի կապակցությամբ։

― Ես այսպես եմ կարծում, ― վրա բերեց նկարիչը։ ― Պողպատե սաղավարտ և Գերմանիայի ընդհանուր դրությունը․․․

― Լավ։ Դուք ուրեմն որևէ կերպ համակցեք, իսկ հետո ցույց տվեք ինձ։

Նկարիչը գնաց իր բաժինը։ Նա վերցրեց մի քառակուսի վատմանի թուղթ և մատիտով ուրվագծեց նիհար մի շուն։ Շան գլխին հագցրեց գերմանական սաղավարտ՝ նիզակով։ Հետո սկսեց մակագրություններ անել։ Կենդանու մարմնի վրա տպագիր տառերով գրեց «Գերմանիա», ոլորուն պոչի վրա՝ «Դանցիգի կորիդոր», ծնոտի վրա՝ «Ռևանշի երազանքներ», վզնոցի վրա՝ «Դաուսեի պլանը» և դուրս գցած լեզվի վրա «Շրեզեման»։ Շան առջև նկարիչը դրեց Պուանկարեին՝ ձեռքին մի կտոր միս բռնած։ Նկարիչը մտադիր էր մսի վրա ևս մակագրություն անել, բայց կտորը փոքր էր և մակագրությունը չէր տեղավորվում։ Լրագրային ծաղրանկարչից ավելի քիչ հասկացող մարդը գլուխը կկորցներ, բայց նկարիչը առանց երկար ու բարակ մտածելու մսի վրա լրացուցիչ շշի բերանին կապած դեղատոմսի նման մի բան նկարեց և հենց նրա վրա մանր տառերով գրեց՝ «Անվտանգության երաշխիքների ֆրանսիական առաջարկությունները»։ Պուանկարեին որևէ ուրիշ պետական գործչի հետ չշփոթելու համար, նկարիչը նրա փորի վրա գրեց «Պուանկարե»։ Ճեպանկարը պատրաստ էր։

Նկարչական բաժնի սեղանների վրա ընկած էին արտասահմանյան ժուռնալներ, մեծ մկրատներ, տուշի և սպիտակ ներկի բանկաներ։ Հատակի վրա թափված էին լուսանկարների կտորտանքներ, ինչ֊որ մեկի ուսը, մեկի ոտքերը և բնանկարի պատառներ։

Հինգ նկարիչ «Ժիլետ» ածելու լեզվակներով լուսանկարներ էին քերում, պարզեցնելով նրանց, նկարներին ցայտունություն էին տալիս տուշով ու սպիտակ ներկով, և մյուս էջի վրա դնում էին մակագրությունն ու չափը․ 3¾ քառակուսի, երկու սյունակի և այլն ― ցուցումներ, որոնք անհրաժեշտ են ցինկոգրաֆիային։

Խմբագրի սենյակում նստել էր օտարերկրյա մի պատվիրակություն։ Խմբագրատան թարգմանիչը նայում էր խոսող օտարերկրացու դեմքին և, դիմելով խմբագրին, ասում էր․

― Ընկեր Առնոն ուզում է իմանալ․․․

Խոսակցություն էր գնում սովետական թերթի կառուոցվածքի մասին։ Մինչ թարգմանիչը կբացատրեր խմբագրին, թե ինչ կուզենար իմանալ ընկեր Առնոն, ինքը՝ թավշյա հեծանվային շալվարով Առնոն և մնացած բոլոր օտարերկրացիները հետաքրքրությամբ նայում էին N 86 գրչածայրով կարմիր գրչակոթին, որը դրված էր սենյակի անկյունում։ Գրչածայրը գրեթե հասնում էր առաստաղին, իսկ գրչակոթը իր լայն մասում միջին մարդու մարմնի հաստության էր։ Այդ գրչակոթով կարելի էր և գրել․ գրչածայրն իսկական էր, թեև իր մեծությամբ գերազանցում էր մեծ գայլաձուկին։

― Օհո֊հո, ― ծիծաղում էին օտարերկրացիները։ ― Կոլոսա՜լ։

Այդ գրչածայրը խմբագրությանն էր նվիրել բանթղթակիցների համագումարը։

Խմբագիրը, Վորոբյանինովի աթոռին նստած, ժպտում էր և, գլխով մերթ գրիչը, մերթ հյուրերին ցույց տալով, ուրախ֊ուրախ բացատրում էր։

Քարտուղարությունում ղալմաղալը շարունակվում էր։ Պերսիցկին բերեց Սեմաշկոյի հոդվածը, և քարտուղարն սկսեց երրորդ էջի մակետից շտապ ջնջել շախմատի բաժինը։ Մաեստրո Սուդեյկինն արդեն չէր պայքարում Նեունիվակոյի խնդիրների լուծումը։ Նա տքնում էր պահել գեթ խնդիրների լուծումը։ Ավելի լարված պայքարից հետո, քան էր նրա պայքարը Լասկերի հետ՝ Սան֊Սեբաստիանի տուրնիրում, մաեստրոն իր համար տեղ նվաճեց «Դատարան և կենցաղ»֊ի հաշվին։

Սեմաշկոն ուղարկեցին շարելու։ Քարտուղարը վերստին խորացավ առաջնորդողի մեջ։ Նա որոշեց ինչ գնով ուզում է լինի, թեկուզ սպորտային շահագրգռվածությունից, կարդալ առաջնորդը։

Երբ նա հասավ մինչև հետևյալ տեղը․ «Սակայն վերջին պակտի բովանդակությունը, այնպիսին է, որ եթե Ազգերի Լիգան գրանցի այն, ապա ստիպված ենք ընդունելու, որ․․․», նրան մոտեցավ «Դատարան ու կենցաղը», մազմզոտ մի մարդ։ Քարտուղարը շարունակում էր կարդալ, դիտմամբ չնայելով «Դատարան և կենցաղ»֊ի կողմը և անհրաժեշտ նշումներ անելով առաջնաորդողի վրա։

«Դատարանն ու կենցաղը» մոտեցավ մյուս կողմից և նեղացած ասաց․

― Ես չեմ հասկանում։

― Նու֊նու, ― փնթփնթաց քարտուղարը, ջանալով ձգձգել ժամանակը, ― ինչո՞ւմն է բանը։

― Բանն այն է, որ չորեքշաբթի «Դատարան ու կենցաղ» չկար, ուրբաթ «Դատարան ու կենցաղ չկար, հինգշաբթի օրը տպարանի մնացածից տեղավորեցին միայն ալիմենտի գործը, իսկ շաբաթ օրը հանում են պրոցեսը, որի մասին վաղուց արդեն գրում են բոլոր թերթերում, և միայն մենք ենք․․․

― Որտե՞ղ են գրում, ― գոռաց քարտուղարը։ ― Ես չեմ կարդացել։

― Վաղն ամենուրեք լույս կընծայեն, իսկ մենք դարձյալ կուշանանք։

― Իսկ երբ ձեզ հանձնարարեցին չուբարյան գործը, դուք ի՞նչ գրեցիք։ Մի տող անգամ դժվար էր ստանալ ձեզանից։ Ես գիտեմ։ Չուբարովցիների մասին դուրք գրում էիք երեկոյան թերթում։

― Որտեղի՞ց գիտեք։

― Գիտեմ։ Ինձ ասել են։

― Այդ դեպքում ես գիտեմ, թե ով է ձեզ ասել։ Ձեզ ասել է Պերսիցկին, այն Պերսիցկին, որն ամբողջ Մոսկվայի աչքի առջև օգտվում է խմբագրության ապարատով, որպեսզի նյութեր ուղարկի Լենինգրադ։

― Պա՛շա, ― կամացուկ ասաց քարտուղարը։ ― Կանչեցեք Պերսիցկուն։ «Դատարանն ու կենցաղը» անտարբեր նստել էր պատուհանի գոգին։ Նրա ետևում երևում էր պարտեզը, որտեղ իրենց գործով էին զբաղված թռչունները և գորոդկի խաղացողները։ Երկար քննեցին դատավեճը։ Քարտուղարը վերջ տվեց ճարպիկ եղանակով․ դեն նետեց շախմատը և տեղը դրեց «Դատարանն ու կենցաղը»։ Պերսիցկուն արվեց զգուշացում։

Խմբագրական աշխատանքի ամենաեռուն ժամանակն էր՝ ժամը հինգը։

Տաքացած գրամենքենաների վրա ծխի մշուշ էր կանգնած։ Աշխատակիցները շտապելուց թելադրում էին զզվելի ձայներով։ Ավագ մեքենագրուհին բղավում էր այն անպիտանների վրա, որոնք իրենց նյութերը աննկատելիորեն գցում էին հերթից դուրս։

Միջանցքում քայլում էր խմբագրության պոետը։ Նա սիրաբանում էր մեքենագրուհու հետ, որի համեստ ազդրերը սանձարձակում էին նրա պոետական զգացմունքները։ Նա տանում էր նրան միջանցքի ծայրը և պատուհանի տակ սիրո խոսքեր ասում, որին աղջիկը պատասխանւմ էր․

― Այսօր ես արտաժամյա աշխատանք ունեմ և խիստ զբաղված եմ։

― Այդ նշանակում էր, որ նա ուրիշի է սիրում։

Պոետն ընկնում էր ոտքի տակ և բոլոր ծանոթներին ապշեցուցիչ կերպով դիմում միատեսակ խնդրանքով։

― Տասը կոպեկ տվեք տրամվայի համար։

Այդ գումարի համար նա մտավ բանթղթակիցների բաժինը։ Թրև գալով սեղանների արանքում, որոնց շուրջը նստած աշխատում էին «կարդացողները», և շոշափելով թղթակցությունների կույտերը, պոետը վերականգնեց իր փորձերը։ Կարդացողները, խմբագրատան ամենամռայլ այդ մարդիկ (նրանց այդպես էր դարձրել օրական հարյուրական նամակ կարդալու անհրաժեշտությունը, նամակներ, որոնք խզմզված են ավելի շուտ կացնի, ներկարարի վրձնի կամ ձեռնասայլակի, քան գրության հետ ծանոթ ձեռքերով), լուռ էին։

Պոետը եղավ էքսպեդիցիայում և վերջիվերջո քոչեց գնաց գրասենյակ։ Բայց այնտեղ նա ոչ միայն չստացավ տասը կոպեկ, այլ նույնիսկ հարձակման ենթարկվեց կոմերիտական Ավդոտևի կողմից․ պոետին առաջարկեցին մտնել ավտոմոբիլիստների խմբակը։ Պոետի սիրահարված հոգին պատեց բենզինի մշուշը։ Նա երկու քայլ արեց մի կողմի վրա և, երրորդ արագություն վերցնելով, թաքնվեց աչքերից։

Ավդոտևը բնավ չվհատվեց։ Նա հավատում էր ավտոմոբիլային իդեայի հաղթանակին։ Քարտուղարությունում նա պայքար մղեց տկեվանց։ Հենց դա էլ խանգարեց քարտուղարին ավարտելու առաջնորդող հոդվածի ընթերցումը։

― Լսիր, Ալեքսանդր Յոսիֆովիչ։ Դու սպասիր, լուրջ գործ է, ― ասաց Ավդոտևը, նստելով քարտուղարի սեղանին։ ― Մեզանում կազմակերպվել է ավտոմոբիլային ակումբ։ Խմբագրությունը արդյոք փոխարինաբար մեզ չի՞ տա հինգ հարյուր ռուբլի՝ ութ ամսով։

― Կարող ես չկասկածել։

― Ի՞նչ։ Կարծում ես մեռա՞ծ գործ է։

― Չեմ կարծում, այլ գիտեմ։ Քանի՞ անդամ ունեք ձեր խմբակում։

― Արդեն շատ կան։

Խմբակը առայժմ բաղկացած էր միայն մեկ կազմակերպչից, բայց Ավդոտևը այդ մասին չէր ծավալվում։

― Հինգ հարյուր ռուբլով մենք «գերեզմանոցում» գնում ենք մեքենա։ Եգորովն արդեն լավ տնտղել է։ Նորոգումը, նրա ասելով, կարժենա հինգ հարյուր ռուբլուց ոչ ավելի։ Ընդամենը՝ հազար։ Ես էլ ահա մտածում եմ մի քսան հոգի հավաքել՝ ամեն մեկից հիսուն ռուբլի։ Բայց հիանալի բան կստացվի։ Մեքենա վարել կսովորենք։ Եգորովը մեր շեֆն է լինելու։ Եվ երեք ամիս հետո՝ օգոստոսի մոտերքը, մենք բոլորս արդեն վարել գիտենք, մեքենա կա, և ամեն մեկը հերթով մեկնում է՝ ուր սիրտն ուզում է։

― Իսկ գնելու հինգ հարյուր ռուբլի՞ն։

― Կտա փոխօգնության դրամարկղը տոկոսով։ Կվճարենք։ Հը, ինչ կասես, գրե՞ն քեզ։

Բայց քարտուղարն արդեն ճաղատ էր, շատ էր աշխատում, գտնվում էր ընտանիքի և բնակարանի իշխանության տակ, սիրում էր ճաշից հետո պառկել բազմոցի վրա և քնելուց առաջ կարդալ «Պրավդա»։ Նա մտածեց և հրաժարվեց։

― Դու, ― ասաց Ավդոտևը, ― ծեր ես։

Ավդոտևը մոտենում էր յուրաքանչյուր սեղանին և կրկնում իր կրակոտ ճառը։ Ծերունիների մոտ, որպիսիք նա համարում էր քսան տարեկանից բարձր բոլոր աշխատակիցներին, նրա խոսքերը կասկածելի էֆեկտ էին առաջացնում։ Նրանք սուտումուտ մահանաներով թթվադեմ հրաժարվում էին, շեշտելով, որ իրենք արդեն երեխաների բարեկամներ են և կանոնավոր կերպով տարեկան քսան կոպեկ են տալիս չքավոր երեխաներին օգնելու բարի գործին։ Նրանք, ճիշտն ասած, կհամաձայնեին նոր ակումբին անդամագրվելու, բայց․․․

― Էլ ի՞նչ «բայց», ― բղավում էր Ավդոտևը։ ― Եթե ավտոմոբիլը հենց այսօր ևեթ լինե՞ր։ Հա՞։ Եթե ձեր սեղանի վրա դնեն վեց ցիլինդրանոց կապտավուն «պակկարդ» տարեկան տասնհինգ կոպեկով, իսկ բենզինն ու քսանյութերը կառավարության հաշվի՞ն։

― Գնա, գնա, ― ասում էին ծերերը։ ― Հիմա վերջին նյութերն ենք ուղարկում, խանգարում ես աշխատելուն։

Ավտոմոբիլային գաղափարը մարում և սկսում էր ծխել։ Պերսիցկին դղրդոցով ետ ցատկեց հեռախոսից, լսեց Ավդոտևին և ասաց․

― Դու լավ չես մոտենում, թուղթը տուր ինձ։ Սկսենք սկզբից։

Եվ Պերսիցկին Ավդոտևի հետ միասին նոր շրջագայություն սկսեցին։

― Դու, քավթառ մատրաս, ― ասում էր Պերսիցկին կապտաչյա պատանուն, ― այդ բանի համար նույնիսկ փող չպետք է տաս։ Ունե՞ս քսանյոթ թվականի փոխառությունը։ Քանի՞ ռուբլու։ Հիսո՞ւն։ Ավելի լավ։ Դու այդ պարտատոմսը տալիս ես մեր ակումբին։ Պարտատոմսերից գոյանում է կապիտալ։ Օգոստոսին մենք կարող ենք պարտատոմսերը իրացնել և գնել ավտոմոբիլ։

― Իսկ եթե իմ պարտատոմսը շահի՞, ― պաշտպանվում էր պատանին։

― Իսկ որքա՞ն ես ուզում շահած լինել։

― Հիսուն հազար։

― Այդ հիսուն հազարով էլ ավտոմոբիլներ կգնվեն։ Եթե ես էլ շահեմ՝ նույնպես։ Ավդոտևը շահեց՝ նույնպես։ Մի խոսքով, ում պարտատոմսն էլ որ շահի, փողը գնում է մեքենաների գնելուն։ Հիմա հասկացա՞ր։ Ախմա՛խ։ Սեփական մեքենայով կգնաս Ռազմա֊Վիրական ճանապարհով։ Սարե՛ր։ Հիմա՛ր․․․ Իսկ քո ետևից սեփական մեքենաներով «Դատարնն ու կենցաղ»֊ն է գալիս, խրոնիկան, պատահարների բաժինը և այն դամոչկան, գիտել էլի, որը կինո է տալիս․․․ Հը՞։ Կսիրաբանե՞ս․․․

Ամեն մի պարտատոմս պահող իր հոգու խորքում չի հավատում շահելու հնարավորությանը։ Փոխարենը շատ խանդոտ է վերաբերվում իր հարևանների և ծանոթների պարտատոմսերին։ Նա կրակից ավելի է վախենում, որ նրանք կշահեն, իսկ ինքը, մշտապես ձախողակ մարդը նորից ձեռնունայն կմնա։ Ոստի հարևանի շահելու հույսը խմբագրության պարտատոմս պահողներին հրեց նոր ակումբի գիրկը։ Հուզում էր միայն այն վտանգը, որ ոչ մի պարտատոմս կարող է չշահել։ Բայց դա չգիտես ինչու քիչ հավանական էր թվում և, բայցի այդ ավտոմոբիլային ակումբը ոչինչ չէր կորցնում․ «գերեզմանոցից» մի մեքենա ապահովված էր պարտատոմսերից գոյացած կապիտալով։

Քսան հոգի հավաքագրվեց հինգ րոպեում։ Երբ գործը հաջող պսակված էր, եկավ քարտուղարը, որը լսել էր ավտոմոբիլային ակումբի հրապուրիչ հեռանկարների մասին։

― Ի՞նչ կասեք, տղերք, ― ասաց նա, ― ես էլ չգրվե՞մ։

― Գրվիր, ծերուկ, ինչո՞ւ չէ, ― պատասխանեց Ավդոտևը, ― միայն ոչ մեզ մոտ։ Մեզ մոտ, ցավոք սրտի, արդեն լրիվ կոմպլեկտ է և նոր անդամների ընդունելությունը դադարեցված է մինչև հազար ինը հարյուր քսանինը թվականը։ Բայց լավ կլինի անդամագրվես երեխաների բարեկամ։ Էժան է ու հանգիստ։ Տարեկան քսան կոպեկ և ոչ մի տեղ գնալու հարկ չկա։

Քարտուղարը տատանվեց, հիշեց, որ ինքն իսկապես որ ծեր է, հառաչեց և գնաց վերջացնելու հրապուրիչ առաջնորդողի ընթերցումը։

― Ասացեք, ընկեր, ― միջանցքում կանգնեցրեց նրան չերքեզի դեմքով մի գեղեցիկ տղամարդ, ― որտե՞ղ է այստեղ «Հաստոց» թերթի խմբագրությունը։

Դա մեծ կոմբինատորն էր։

Խոսակցություն մերկ ինժեների հետ

Օստապ Բենդերի խմբագրատանը հայտնվելուն նախորդել էին մի շարք կարևոր դեպքեր։

Էռնեստ Պավլովիչին ցերեկը տանը չգտնելով (բնակարանը փակ էր, և տանտերը հավանորեն ծառայության մեջ), մեծ կոմբինատորը որոշեց մի քիչ ուշ այցելել նրան, իսկ մինչև այդ թրև էր գալիս քաղաքում։ Գործելու ծարավից հալ ու մաշ եղած, նա անցնում էր փողոցից փողոց, կանգ էր առնում հրապարակներում, աչքով էր անում միլիցիոներներին, դամաներին օգնում էր ավտոբուս նստելու և ընդհանրապես այնպիսի տեսք ուներ, ասես ամբողջ Մոսկվան իր հուշարձաններով, տրամվայներով, մոսսելպրոմուհիներով, եկեղեցիներով, կայարաններով և աֆիշաների մայթասյունիկներով հավաքվել էին նրա մոտ ընդունելության։ Նա ման էր գալիս հյուրերի մեջ, սիրալիր զրուցում նրանց հետ և ամեն մեկի համար մի ջերմ խոսք էր գտնում։ Այդպես մեծ քանակով այցելուների ընդունելությունը փոքր֊ինչ հոգնեցրել էր մեծ կոմբինատորին։ Բացի այդ, արդեն ժամը վեցն էր և պետք էր գնալ ինժեներ Շչուկինի մոտ։

Բայց ճակատագիրն այնպես տնօրինեց, որ նախքան Էռնեստ Պավլովիչի հետ տեսակցելը Օստապն ստիպված եղավ մի երկու ժամով ուշանալ փոքրիկ մի արձանագրություն ստորագրելու համար։

Թատերական հրապարակում մեծ կոմբինատորը ընկավ ձիու տակ։ Բոլորովին անսպասելի կերպով նրա վրա պրծավ սպիտակ գույնի երկչոտ մի կենդանի և ոսկրոտ կրծքով հրեց նրան։ Բենդերը վայր ընկավ, քրտնքի մեջ կորած։ Շատ շոգ էր։ Սպիտակ ձին բարձրաձայն ներողություն էր խնդրում։ Օստապն արագ ոտքի ելավ։ Նրա զորեղ մարմինը ոչ մի վնասվածք չէր ստացել։ Դրանով իսկ ավելի շատ պատճառներ և հնարավորություններ կային սկանդալի համար։

Մոսկվայի սիրալիր ու հյուրընկալ տիրոջը ճանաչել չէր կարելի։ Նա շորորալով մոտեցավ շփոթված ծեր կառապանին և բռունցքով հարվածեց նրա բամբակե մեջքին։ Ծերուկը համբերությամբ կրեց պատիժը։ Մոտ վազեց միլիցիոներ։

― Արձանագրությո՛ւն եմ պահանջում, ― պաթոսով բղավեց Օստապը։

Նրա ձայնի մեջ լսվում էին իր ամենանվիրական զգացմունքներում վիրավորված մարդու մետաղյա նոտաներ։ Եվ կանգնած Փոքր թատրոնի պատի տակ, հենց այնտեղ, որտեղ հետագայում կառուցվելու էր ռուս մեծ դրամատուրգ Օստրովսկու հուշարձանը, Օստապը ստորագրեց արձանագրությունը և մի փոքրիկ ինտերվյու տվեց վազած Պերսիցկուն։ Պերսիցկին չէր խորշում սև աշխատանքից։ Նա ճշտապահորեն գրի առավ ծոցատետրում տուժողի անունն ու ազգանունը և առաջ սլացավ։

Օստապը հպարտ ճանապարհ ընկավ։ Դեռևս վերապրելով սպիտակ ձիու հարձակումը և ուշացած ափսոսանք զգալով, որ չկարողացավ կառապանի վզակոթին ևս տալ, Օստապը երկուական աստիճան ցատկելով բարձրացավ Շչուկինի տան յոթերորդ հարկը։ Այստեղ մի ծանր կաթիլ ընկավ նրա գլխին։ Նա նայեց վերև։ Վերևի հարթակից կեղտոտ ջրի մի փոքրիկ ջրվեժիկ թափվեց ուղիղ նրա աչքերի մեջ։

«Այսպիսի կատակի համար քիթ ու մռութ պետք է ջարդել», ― որոշեց Օստապը։

Նա նետվեց վերև։ Շչուկինի բնակարանի դռան մոտ, մեջքով դեպի Օստապը նստել էր մի մերկ մարդ՝ սպիտակ թեփով ծածկված։ Նա ուղղակի նստել էր հախճասալերի վրա, գլուխը բռնած և օրորվելով։

Տկլորի շուրջը ջուր էր, որ լցվում էր բնակարանի դռան ճեղքի մեջ։

― Օ֊օ՜֊օ, ― հեծեծում էր տկլորը, ― օ֊օ֊օ․․․

― Ասացեք, այդ դո՞ւք եք ջուր լցնում այստեղ, ― հարցրեց Օստապը ջղայնացած։ ― Ի՞նչ լողանալու տեղ է սա։ Գժվե՞լ եք, ինչ է։

Տկլորը նայեց Օստապին և հեկեկաց։

― Լսեցե՛ք, քաղաքացի, լաց լինելու փոխարեն գուցե գնայիք բաղնիք։ Նայեք, թե ինչի եք նման։ Ուղղակի մի ինչ֊որ պիկադոր։

― Բանալին, ― բառաչեց ինժեները։

― Ի՞նչ բանալի։

― Բ֊նա֊կա֊րա֊նի։

― Որտեղ փողե՞րն են դրված։

Մերկ մարդը ապշեցուցիչ արագությամբ բխկացնում էր։

Ոչ մի բան չէր կարող շփոթեցնել Օստապին։ Նա սկսեց գլխի ընկնել։ Եվ երբ վերջապես գլխի ընկավ, քիչ մնաց ճաղաշարքից վայր ընկներ ծիծաղից, որի դեմ պայքարելը միևնույն է, անօգուտ էր։

― Ուրեմն դուք չե՞ք կարողանում մտնել բնակարան։ Բայց դա ախր շատ հասարակ բան է։

Աշխատելով չկեղտոտվել մերկին դիպչելուց, Օստապը մոտեցավ դռանը, ամերիկյան կողպեքի ճեղքը մտցրեց բութ մատի երկար ու դեղնավուն եղունգը և սկսեց զգուշորեն պտտեցնել աջից ձախ և վերևից ներքև։

Դուռը անաղմուկ բացվեց, և տկլորը վայնասունով ներս վազեց հեղեված բնակարանը։

Աղմկում էին ծորակները։ Ճաշասենյակում ջուրը ջրապտույտ էր գոյացրել։ Ննջարանում այն կանգնել էր հանդարտ լճակի պես, որի վրա մեղմ, կարապային ընթացքով լողում էին գիշերվա հողաթափերը։ Թմրած ձկների երամիկի պես անկյունում կիտվել էին գլանակի մնացորդները։

Վորոբյանինովի աթոռը ճաշասենյակումն էր, որտեղ ամենից ուժեղ էր ջրի հոսանքը։ Նրա չորս ոտքերի շուրջը սպիտակ ալիքներ էին գոյացել։ Աթոռը մի թեթև ցնցվում էր և թվում էր, թե պատրաստվում է անմիջապես հեռանալ իր հետապնդողից։ Օստապը նստեց նրա վրա և ոտքերը կուչ ածեց։ Խելքը գլուխն եկած Էռնեստ Պավլովիչը «պարդոն, պարդոն» բղավելով, փակեց ծորակները, լվացվեց և մինչև գոտկատեղը մերկ, մինչև ծնկները վեր քշտած թաց շալվարով կանգնեց Բենդերի առջև։

― Դուք ինձ պարզապես փրկեցիք, ― հուզված բղավում էր նա։ ― Ներեցեք, չեմ կարող ձեզ ձեռք մեկնել, ― ամբողջովին թաց եմ։ Գիտեք, քիչ էր մնացել, որ գժվեի։

― Երևում է, բանն այդտեղ էր հասնելու։

― Ես սոսկալի վիճակում էի գտնվում։

Եվ Էռնեստ Պավլովիչը ահավոր պատահարը կրկին վերապրելով, մերթ մռայլվելով, մերթ ջղայնորեն ծիծաղելով, մեծ կոմբինատորին պատմեց իր գլխին եկած դժբախտության մանրամասնությունները։

― Եթե դուք չլինեիք, ես կորած էի, ― վերջացրեց ինժեները։

― Այո, ― ասաց Օստապը, ― ինձ հետ էլ նման մի դեպք է եղել։ Նույնիսկ մի քիչ ավելի վատ։

Ինժեներին այնքան էր հետաքրքրում այն ամենը, ինչ վերաբերում էր նման պատմություններին, որ նույնիսկ դեն նետեց դույլը, որով ջուր էր հավաքում և սկսեց լարված ուշադրությամբ լսել։

― Ճիշտ այնպես, ինչպես ձեզ հետ է եղել, ― սկսեց Բենդերը, ― միայն թե դա ձմեռն էր, և ոչ թե Մոսկվայում, այլ Միրգորոդում, տասնինը թվին, Մախնոյի և Տյուտյունիկի արանքումն ընկած ուրախ ժամանակամիջոցում։ Ես մի ընտանիքում էի ապրում։ Թունդ խախոլներ էին։ Տիպիկ սեփականատերեր, մի հարկանի տուն և բազում զանանզան հնոտիներ։ Պետք է նկատի ունենաք, որ կոյուղու և նման հարմարությունների տեսակետից Միրգորոդում միայն աղբահորեր կան։ Եվ ահա մի գիշեր շապկանց դուրս պրծա ուղիղ ձյան վրա, մրսելուց չէի վախենում ― րոպեական գործ էր։ Դուրս պրծա և մեքենայորեն դուռը չրխկացրի ետևիցս։ Սառնամանի՜ք ― քսան աստիճանի։ Դուռը թակում եմ՝ չեն բացում։ Տեղում կանգնել չի կարելի՝ կսառչես։ Թակում եմ ու վազվզում, թակում եմ ու վազվզում՝ չեն բացում։ Եվ որ գլխավորն է, տանը ոչ մի սատանա քնած չէ։ Ահավոր գիշեր է։ Շները ոռնում են։ Ինչ֊որ տեղ կրակում են։ Իսկ ես ամառվա վարտիքով վազվզում եմ ձնակույտերի մեջ։ Մի ամբողջ ժամ թակեցի։ Քիչ մնաց սատկեի։ Եվ գիտեք ինչո՞ւ չէին բացում։ Գույքն էին թաքցնում, կերենկաներ էին կարում բարձի մեջ։ Կարծում էին, թե խուզարկության են եկել։ Հետո քիչ մնաց, որ կոտորեի դրանց։

Այդ ամենը շատ մոտ էր ինժեների սրտին։

― Հա՛, ― ասաց Օստապը, ― ուրեմն այդ դո՞ւք եք ինժեներ Շչուկինը։

― Ես եմ։ Միայն թե շատ եմ խնդրում, ուրիշ ոչ ոքի չասեք։ Ճիշտն ասած, անհարմար է։

― Օ, խնդրե՜մ։ Անտր֊նու, տետ֊ա֊ տետ։ Չորս աչք, ինչպես ասում են ֆրանսիացիները։ Իսկ ես ձեզ մոտ գործով եմ եկել, ընկեր Շչուկին։

― Չափազանց ուրախ կլինեմ ձեզ ծառայելու։

― Գրան մերսի։ Դատարկ բան է։ Ձեր ամուսինը խնդրեց ինձ անցնել ձեզ մոտ և վերցնել ահա այս աթոռը։ Նա ասաց, թե աթոռը շատ պետք է զույգի համար։ Իսկ ձեզ համար ուղարկելու է բազկաթոռը։

― Խնդրե՜մ, ― բացականչեց Էռնեստ Պավլովիչը։ ― Ես շատ ուրախ եմ։ Եվ ի՞նչ կարիք կա ձեզ նեղություն տալ։ Ինքս կարող եմ տանել։ Այսօր ևեթ։

― Չէ, ինչո՞ւ։ Ինձ համար դա կատարելապես դատարկ բան է։ Ես մոտ եմ ապրում, ինձ համար դժվար չէ։

Ինժեները իրար անցավ և մեծ կոմբինատորին ուղեկցեց մինչև դուռը, որից նա սարսափում էր անցնել, թեև բանալին կանխատեսորեն դրված էր թաց շալվարի գրպանը։

Նախկին ուսանող Իվանոպուլոյին նվիրաբերեցին ևս մի աթոռ։ Նրա պաստառը, ճիշտ է, փոքր֊ինչ վնասվել էր, բայց և այնպես դա հիանալի մի աթոռ էր, ընդ որում ճիշտ նման առաջինին։

Օստապին չանհանգստացրեց այս՝ հաշվով չորրորդ՝ աթոռի անհաջողությունը։ Նա ծանոթ էր բախտի բոլոր քմահաճույքներին։

Նրա հետևությունների կուռ սիստեմում մութ զանգվածի պես մեխվում էր միայն Հոկտեմբերյան կայարանի ապրանքային բակի խորքերը սուզված աթոռը։ Այդ աթոռի մասին եղած մտքերը տհաճ էին և ծանր տարակուսանքներ էին հարուցում։

Մեծ կոմբինատորը գտնվում էր այն ռուլետկա խաղացողի վիճակում, որը բացառապես դնում է համարների վրա, այն տիպի մարդկանց վիճակում, որոնք ուզում են միանգամից շահել դրածից երեսունվեց անգամ ավելին։ Դրությունը նույնիսկ ավելի վատ էր․ կոնցեսիոներները խաղում էին այնպիսի ռուլետկա, որտեղ տասներկուսից տասնմեկի վրա զրո էր գալիս։ Ասենք հենց տասներկուերորդ համարն էլ տեսադաշտից դուրս էր եկել, սատանան գիտե, թե ուր էր գտնվում, և հնարավոր է, որ իր մեջ թաքցնում էր հրաշալի շահումը։

Դառն խորհրդածությունների այդ շղթան կտրվեց գլխավոր դիրեկտորի գալով։ Արդեն նրա տեսքը միայն տհաճ զգացմունքներ հարուցեց Օստապի մեջ։

― Օհո՛, ― ասաց տեխնիկական դիրեկտորը։ ― Ես տեսնում եմ, որ ձեր գործերը հաջող են գնում։ Միայն թե ինձ հետ կատակ մի արեք։ Ինչո՞ւ աթոռը թողեցիք դռան հետևը։ Որպեսզի ծիծաղե՞ք ինձ վրա։

― Ընկեր Բենդեր, ― փնթփնթաց պարագլուխը։

― Ախ, ինչո՜ւ եք խաղում իմ ներվերի վրա։ Շուտ ներս բերեք աթոռը։ Դուք տեսնում եք, որ այս նոր աթոռը, որի վրա ես նստած եմ, բազմապատիկ ավելացրել է ձեր ձեռք բերածի արժեքը։

Օստապը գլուխը թեքեց մի կողմ և աչքերը կկոցեց։

― Մի տանջեք երեխային, ― բասեց նա, վերջապես։ ― Ո՞ւր է աթոռը։ Ինչո՞ւ չեք բերել։

Իպոլիտ Մատվեևիչի կցկտուր զեկուցումը ընդհատվում էր տեղից բացականչյություններով, հեգնական ծափահարություններով և նենգամիտ հարցերով։ Վորոբյանինովը իր զեկուցումը վերջացրեց աուդիտորիայի միահամուռ ծիծաղի տակ։

― Բա իմ հրահանգե՞րը, ― հարցրեց Օստապը սպառնալից։ ― Քանի ամգամ եմ ձեզ ասել, որ գողանալը մեղք բան է։ Դեռ այն ժամանակ, երբ դուք Ստարգորոդում ուզում էիք կողոպտել իմ կնոջը, մադամ Գրիցացուևային, դեռ այն ժամանակ ես հասկացա, որ դուք մանր քրեական բնավորություն ունեք։ Ամենաշատը, որին կարող է հանգեցնել ձեզ ձեր այդ ընդունակությունները՝ դա վեց ամիս է առանց խիստ մեկուսացման։ Մտքի գիգանտի և ռուսական դեմոկրատիայի հոր համար կարծես այնքան էլ մեծ մասշտաբ չէ, բայց ահա արդյունքները։ Աթոռը, որ ձեր ձեռքին էր, դուրս պրծավ։ Դա դեռ քիչ է, դուք փչացրիք հեշտ գործը։ Փորձեցեք երկրորդ անգամ այցելել նրան։ Ձեր գլուխը կպոկի այդ Աբեսալոմը։ Ձեր բախտից հիմար մի դեպք օգնել է ձեզ, թե չէ նստած կլինեիք վանդակի ետևում և զուր ինձանից հանձնուքի կսպասեիք։ Ես ձեզ հանձնուք բերողը չեմ, այդ մեկը ի նկատի ունեցեք։ Իմ ինչի՞ն է պետք Հեկուբան։ Վերջիվերջո, դուք ոչ իմ մայրն եք ո՛չ քույրը և ոչ էլ սիրուհին։

Իպոլիտ Մատվեևիչը, գիտակցելով իր ամբողջ ոչնչությունը, կանգնել էր գլխահակ։

― Ահա թե ինչ, սիրելիս։ Ես տեսնում եմ մեր համատեղ աշխատանքի լիակատար անիմաստությունը։ Համենայն դեպս, ձեզ պես քիչ կուլտուրայի տեր կոմպանյոնի հետ քառասուն տոկոսի խաթեր աշխատելը աանհեթեթություն է թվում ինձ։ Կամա թե ակամա, բայց ես պետք է նոր պայմաններ դնեմ։

Իպոլիտ Մատվեևիչը շունչ քաշեց։ Մինչ այդ նա աշխատում էր շունչ չքաշել։

― Այո, իմ հին բարեկամ, դուք հիվանդ եք կազմակերպական անզորությամբ և սպիտակախտությունով։ Դրան համապատասխան պակասում են ձեր փայլերը։ Ազնվորեն ուզո՞ւմ եք՝ քսան տոկոս։

Իպոլիտ Մատվեևիչը վճռականորեն գլուխը թափ տվեց։

― Իսկ ինչո՞ւ չեք ուզում։ Քի՞չ է։

― Քիչ է։

― Բայց չէ՞ որ դա երեսուն հազար է։ Բա ինչքա՞ն եք ուզում։

― Համաձայն եմ քառասունի։

― Օրը ցերեկով թալա՜ն, ― ասաց Օստապը, նմանեցնելով պարագլխի ձայնի ելևէջերին՝ դռնապանի սենյակում տեղի ունեցած պատմական սակարկության ժամանակ։ ― Երեսուն հազարը քի՞չ է ձեզ։ Ձեզ հարկավոր է նաև բնակարանի բանալի՞ն։

― Այդ ձեզ է հարկավոր բնակարանի բանալին, ― թոթվեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Վերցրեք քսան, քանի դեռ ուշ չէ, թե չէ կարող եմ մտադրությունս փոխել։ Օգտվեցեք այն բանից, որ ես լավ տրամադրության մեջ եմ։

Վորոբյանինովը վաղուց արդեն կորցրել էր իր այն ինքնագոհ տեսքը, որով մի ժամանակ սկսել էր ադամանդների որոնումները։

Սառույցը, որ շարժվել էր դեռ դռնապանի սենյակում, աղմկող, ճաքճքող և առափնյա գրանիտին զարնվող սառույցը վաղուց արդեն մանրացել և հալչել էր։ Սառույց արդեն չկար։ Կար միայն լայնորեն հորդացած ջուր, որն անփութորեն տանում էր Իպոլիտ Մատվեևիչին, մի կողմից մյուսը նետելով, զարկելով գերանին, մերթ հրելով իր աթոռների հետ, մերթ հեռացնելով այդ աթոռներից։ Անասելի վախ էր զգում Իպոլիտ Մատվեևիչը։ Ամեն ինչ վախեցնում էր նրան։ Գետով հոսում էին աղբ, նավթի մնացորդներ, ջարդոտած հավաբներ, սատկած ձուկ, ինչ֊որ մեկի սարսափելի շլյապան։ Գուցե դա տեր Ֆյոդորի շլապա՞ն էր, բադաձև կարտուզը, որ քամին Ռոստովում պոկել էր նրա գլխից։ Ո՞վ գիտե։ Ճանապարհի վերջը չէր երևում։ Ափին չէին հասնում, իսկ ազնվականության նախկին պարագլուխը հոսանքի դեմ լողալու ո՛չ ուժ ուներ, ո՛չ ցանկություն։

Նրան քշում֊տանում էր արկածների բաց ծովը։

Երկու այցելություն

Բարուրը արձակած երեխայի նման, որը ոչ մի վայրկյան կանգ չառնելով սեղմում ու բացում է մեղրամոմե բռուցքները, շարժում տոտիկները, պտտեցնում խոշոր անտոնովկա խնձորի մեծության չեպչիկով գլուխը և բերանից փուչիկներ է բաց թողնում, Աբեսալոմ Իզնուրենկովը գտնվում էր մշտական շարժման վիճակում։ Նա շարժում էր չաղ ոտքերը, պտտեցնում սափրած կզակը, հոգոցներ էր հանում և մազմզոտ ձեռքերով այնպիսի շարժումներ անում, ասես ռետինների վրա մարմնամարզություն էր կատարում։

Նա շատ բազմահոգ կյանք էր վարում, հայտնվում էր ամենուրեք և ինչ֊որ բան էր առաջարկում, սուրալով փողոցներում վախեցած հավի պես, բարձրաձայն, արագ խոսում էր, ասես հաշվում էր երկաթածածկ քարե շենքի ապահովագինը։ Նրա կյանքի և գործունեության էությունը այն էր, որ օրգանապես չէր կարող մի րոպեից ավելի զբաղվել որևէ գործով, առարկայով կամ մտքով։

Եթե սրամտությունը դուր չէր գալիս և վայրկենապես ծիծաղ չէր հարուցում, Իզնուրենկովը ուրիշների պես չէր համոզում խմբագրին, թե սրամտությունը լավն է և լիովին գնահատելու համար փոքր֊ինչ խորհրդածել է պահանջում, նա անմիջապես նոր սրամտություն էր առաջարկում։

― Ինչ որ վատ է, վատ է, ― ասում էր նա, ― իհարկե։

Խանութներում Աբեսալոմ Վլադիմիրովիչն այնպիսի խառնաշփոթություն էր առաջացնում, այնպես արագ հայտնվում և անհետանում ապշած գործակատարների աչքերի առջև, այնպես էքսպանսիվորեն էր գնում մի տուփ շոկոլադը, որ գանձապահուհին սպասում էր ստանալ նրանից առնվազն երեսուն ռուբլի։ Բայց Իզնուրենկովը դրամարկղի առջև խունջիկ֊մունջիկ գալով և փողկապից քաշելով, ասես նրան խեղդում էին, ապակյա տախտակի վրա էր նետում մի ճխլտված երեքանոց և գոհունակությամբ մկկալով փախչում։

Եթե այդ մարդը կարողանար գոնե երկու ժամով կանգնեցնել իրեն, անսպասելի իրադարձություններ տեղի կունենային։

Կարող էր պատահել, որ Իզնուրենկովը նստեր սեղանի մոտ և մի հիանալի վիպակ գրեր, կամ միգուցե խնդրագիր փոխօգնության դրամարկղին՝ անվերադարձ գումար բաց թողնելու, կամ նոր կետ գրեր բնակարանային տարածություններով օգտվելու օրենքին, կամ մի գիրք՝ «Լավ հագնվելու և հասարակության մեջ իրեն պահելու հմտություն»։

Բայց նա դա անել չէր կարող։ Կատաղի աշխատող ոտքերը տանում էին նրան, շարժվող ձեռքերից փախչում էր մատիտը, միտքը սլանում էր նետի պես։

Իզնուրենկովը վազվզում էր սենյակում, և կահույքի կնիքները շարժվում էին, ինչպես պարող գնչուհու ականջօղեր։ Աթոռին նստել էր արվարձանից եկած ծիծաղելի մի աղջիկ։

― Ախ, ախ, ― ծվծվում էր Աբեսալոմ Վլադիմիրովիչը, ― աստվածայի՜ն է։ «Թագուհին իր ձայնով և հայացքով կենդանացնում է խնջույքը ճոխ․․․»։ Ախ, ախ։ Բա՛րձր դաս․․․ Դուք թագուհի Մարգոն եք։

Այդ ամենից ոչինչ գլուխ չհանող արվարձանի թագուհին հարգանքով ծիծաղում էր։

― Դե, շոկոլադ կերեք, ես ձեզ խնդրում եմ․․․ Ա՛խ, ա՛խ․․․ Սքանչելի՜ է։

Նա ամեն րոպե համբուրում էր թագուհու ձեռքը, հիանում նրա համեստ արդուզարդով, դեմ էր անում կատվին և շողոքորթելով հարցնում․

― Սա նման է թութակի, այնպես չէ՞։ Առյո՛ւծ է, առյո՛ւծ։ Իսկակա՛ն առյուծ։ Ասացե՛ք, սա իրո՞ք արտաքո կարգի թավամազ է։ Բա պո՛չը, պո՛չը։ Ասացեք, իրո՞ք սա մեծ պոչ է։ Ա՛խ։

Հետո կատուն թռավ մի անկյուն, և Աբեսալոմ Վլադիմիրովիչը, ձեռքը սեղմելով փափլիկ կաթնատու կրծքին, սկսեց պատուհանից գլուխ տալ ինչ֊որ մեկին։ Հանկարծ նրա հանդուգն գլխում ինչ֊որ կափույր չխկաց, և նա սկսեց զայրացուցիչ կերպով սրամտել իր հյուրի ֆիզիկական և հոգեկան հատկությունների առթիվ։

― Ասացեք, այս բրոշկան իրո՞ք ապակուց է։ Ախ, ախ։ Ի՜նչ փայլ․․․ Դուք ինձ կուրացրիք, ազնիվ խոսք․․․ Իսկ ասացեք, Փարիզն իրո՞ք մեծ քաղաք է։ Այնտեղ իսկապե՞ս Էֆելյան աշտարակ կա․․․ Ա՛խ, ա՛խ․․․ Ի՜նչ ձեռքեր․․․ Ի՜նչ քիթ․․․ Ա՛խ։

Նա չէր գրկում աղջկան։ Նա բավարարվում էր կոմպլիմենտներ անելով։ Եվ անընդհատ խոսում էր։ Խոսքերի հոսանքը ընդհատվեց Օստապի անսպասելի հայտնվելով։

Մեծ կոմբինատորը ձեռքին մի թուղթ էր խաղացնում․ նա խստորեն հարցրեց․

― Իզնուրենկովն այստե՞ղ է ապրում։ Այդ դուք եք որ կա՞ք։

Աբեսալոմ Վլադիմիրովիչը տագնապով նայեց այցելուի քարե դեմքին։ Նա ջանում էր նրա աչքերում կարդալ, թե ինչ պահանջ է հիմա ներկայացվելու․ արդյոք տուգա՞նք է դա՝ տրամվայում խոսակցության ժամանակ ապակին ջարդելու համար, ժողդատարանի ծանուցո՞ւմ՝ բնակարանային վարձը չտալու համար, թե՞ կույրերի ամսագրի բաժանորդագրության ընդունում։

― Սա ի՞նչ բան է, ընկեր, ― չոր֊չոր ասաց Բենդերը, ― բոլորովին անելու բան չէ՝ պետական ցրիչին վռնդելը։

― Ո՞ր ցրիչին, ― սարսափեց Իզնուրենկովը։

― Ինքներդ գիտեք՝ ո՛ր։ Հիմա ձեր կահույքը տանելու եմ։ Խնդրում եմ ձեզ, քաղաքացուհի, մաքրել աթոռը, ― խստորեն ասաց Օստապը։

Քաղաքացուհին, որի գլխին հենց նոր ամենալիրիկական պոետների բանաստեղծություններ էին կարդում, տեղից վեր կացավ։

― Ո՛չ, նստեցեք, ― բղավեց Իզնուրենկովը, իր մարմնով աթոռը ծածկելով։ ― Նրանք իրավունք չունեն։

― Իրավունքի մասին լավ կանեիք լռեիք, քաղաքացի։ Գիտակից պետք է լինել։ Ազատեցեք կահույքը։ Օրենքը պետք է պահպանել։

Այդ խոսքերով Օստապը ճանկեց աթոռը և թափահարեց օդում։

― Տանում եմ կահույքը, ― վճռաբար ասաց Օստապը։

― Ո՛չ, չեք տանի։

― Ինչպես թե չեմ տանի, ― քմծիծաղ տվեց Օստապը, աթոռի հետ միջանցք դուրս գալով, ― երբ իսկապես տանում եմ։

Աբեսալոմը համբուրեց թագուհու ձեռքը և գլխահակ վազեց խստապահանջ դատավորի ետևից։ Վերջինս արդեն իջնում էր սանդուղքով։

― Իսկ ես ասում եմ, որ իրավունք չունեք։ Օրենքով կահույքը կարող է երկու շաբաթ մնալ։ Իսկ մնացել է երեք օր միայն։ Միգուցե ես վճարելու եմ։

Իզնուրենկովը մեղվի պես պտույտ էր գալիս Օստապի շուրջը։ Այդ կերպ երկուսն էլ հայտնվեցին փողոցում։ Աբեսալոմ Վլադիմիրովիչը աթոռի ետևից վազեց մինչև անկյունը։ Այստեղ նա տեսավ աղբակույտի շուրջը թռչկոտող ճնճղուկներին։ Նա պայծառ աչքով նայեց նրանց, քթի տակ փնթփնթաց, ձեռքերն իրար զարկեց և ծիծաղելով արտասանեց․

― Բա՛րձր դաս։ Ախ, ախ․․․ Թեմայի ի՜նչ շրջադարձ։

Իզնուրենկովը, տարված թեմայի մշակությամբ, ուրախ֊զվարթ ետ վերադարձավ և սրարշավ վազեց տուն։ Աթոռի մասին նա հիշեց միայն տանը արվարձանի աղջկան սենյակի մեջտեղում կանգնած գտնելով։

Օստապը աթոռը կառքով տարավ տուն։

― Սովորեցե՛ք, ― ասաց նա Իպոլիտ Մատվեևիչին, ― աթոռը վերցված է մերկ ձեռքերով։ Ձրի։ Դուք հասկանո՞ւմ եք։

Աթոռը հերձելուց հետո Իպոլիտ Մատվեևիչը տխրեց։

― Շանսերը գնալով մեծանում են, ― ասաց Օստապը, ― իսկ փող ոչ մի կոպեկ։ Ասացեք, իսկ ձեր հանգուցյալ զոքանչը կատակել չէ՞ր սիրում։

― Ի՞նչ կա որ։

― Միգուցե, ոչ մի ադամանդ էլ չկա՞։

Իպոլիտ Մատվեևիչն այնպես թափահարեց ձեռքերը, որ պիջակը վեր բարձրացավ։

― Այդ դեպքում ամեն ինչ հիանալի է։ Հուսանք, որ Իվանոպուլոյի գույքը կավելանա մի աթոռով միայն։

― Ձեր մասին, ընկեր Բենդեր, այսօր թերթում են գրել, ― շողոքորթությամբ ասաց Իպոլիտ Մատվեևիչը։

Օստապը մռայլվեց։

Նա չէր սիրում, երբ մամուլը վայնասուն էր բարձրացնում նրա անվան շուրջը։

― Ինչե՞ր եք դուրս տալիս։ Ո՞ր թերթում։

Իպոլիտ Մատվեևիչը հանդիսավոր կերպով բաց արեց «Հաստոցը»։

― Ահա այստեղ, «Օրվա պատահարներ» բաժնում։

Օստապը փոքր֊ինչ հանգստացավ, որովհետև վախենում էր այն թղթակցություններից, որոնք զետեղված էին լինում «Մեր մեխիկը» և «Չարարկողներին դատի տալ» մերկացնող բաժիններում։

Հիրավի «Օրվա պատահարներ» բաժնում նոնպարելով տպագրված էր․

Ընկել է ձիու տակ

Երեկ Սվերդլովի հրապարակում N 8974 կառապանի ձիու տակ ընկավ քաղ․ Օ․ Բենդերը։ Տուժողը պրծավ մի թեթև վախով։

― Այդ կառապանը պրծավ մի թեթև վախով և ոչ թե ես, ― փնթփնթալով նկատեց Օ․ Բենդերը։ ― Ապուշնե՛ր։ Գրում են հա գրում, իրենք էլ չգիտեն թե ինչ են գրում։ Ախ, հա՜։ Սա «Հաստոցն» է։ Շատ, շատ հաճելի է։ Դուք գիտեք, Վորոբյանինով, որ այս թղթակցությունը հավանորեն գրել են մեր աթոռի վրա նստած։ Զվարճալի՜ պատմություն է։

Մեծ կոմբինատորը մտքերի մեջ ընկավ։

Խմբագրություն այցելելու առիթը գտնված էր։

Քարտուղարից իմանալով, որ միջանցքի երկարությամբ աջ ու ձախ բոլոր սենյակները խմբագրությունն է զբաղեցնում, Օստապը հասարակ տեսք ընդունեց ու սկսեց իր շրջագայությունը խմբագրական շենքում․ անհրաժեշտ էր իմանալ, թե աթոռը որ սենյակումն էր գտնվում։

Նա խցկվեց տեխկոմի սենյակը, որտեղ արդեն երիտասարդ ավտոմոբիլիստների նիստ էր ընթանում, և որովհետև անմիջապես տեսավ, որ աթոռն այնտեղ չէ, քոչեց հարևան շենքը։ Գրասենյակում նա ձևացրեց, թե մակագրության է սպասում։ Բանթղթակիցների բաժնում նա տեղեկացավ, թե հայտարարության համաձայն այստեղ որտե՞ղ է մակուլատուրա վաճառվում։ Քարտուղարությունում հարց ու փորձ արեց բաժանորդագրման պայմանների մասին, իսկ ֆելիետոնիստների սենյակում հարցրեց, թե որտեղ են հայտարարություն ընդունում փաստաթղթերի կորստյան մասին։

Այդ կերպ նա հասավ մինչև խմբագրի սենյակը։ Խմբագիրը կոնցեսիոն աթոռի վրա նստած բղավում էր հեռախոսի լսափողի մեջ։

Օստապին ժամանակ էր պետք՝ տեղանքը ուշադիր ուսումնասիրելու համար։

― Այստեղ, ընկեր խմբագիր, ինձ վրա իսկական զրպարտանք է տպագրված, ― ասաց Բենդերը։

― Ի՞նչ զրպարտանք, ― հարցրեց խմբագիրը։

Օստապը երկար ժամանակ շուռումուռ էր տալիս «Հաստոցի» օրինակը։ Դռանը ուշադիր նայելով, նա վրան տեսավ ամերիկյան կողպեք։ Եթե ապակուց մի փոքր կտոր կտրվի, ապա հեշտ կլինի ձեռքը ներս կոխել և դուռը ներսից բացել։

Խմբագիրը կարդաց Օստապի ցույց տված թղթակցությունը։

― Ինչի՞ մեջ եք զրպարտություն տեսնում, ընկեր։

― Ո՛նց թե։ Բա սա՞։

Տուժողը պրծավ մի թեթև վախով։

― Չեմ հասկանում։

Օստապը սիրալիր նայեց խմբագրին և աթոռին։

― Էդ էր պակաս, որ ես վախենայի ինչ֊որ մի կառապանից։ Խայտառակել եք ինձ ամբողջ աշխարհի առջև․ հերքում պետք է տալ։

― Ահա թե ինչ, քաղաքացի, ― ասաց խմբագիրը, ― ոչ ոք ձեզ չի խայտառակել, և նման դատարկ հարցերով մենք հերքումներ չենք տալիս։

― Է՛հ, միևնույն է, ես այս գործն այսպես թողնողը չեմ, ― ասաց Օստապը կաբինետից դուրս գալով։

Նա արդեն տեսել էր, ինչ իրեն պետք էր։

Կալանատան հիանալի զամբյուղը

Անցողիկ «Սրի ու խոփի» Ստարգորոդի բաժանմունքը «Բիստրոուպակի» տղերքի հետ երկարավուն հերթ ստեղծեցին «Խլեբոպրոդուկտի» ալրի կրպակի առջև։

Անցորդները կանգ էին առնում։

― Ինչի՞ համար եք հերթ բռնել, ― հարցնում էին քաղաքացիները։

Խանութի մոտ կանգնած տաղտկալի հերթի մեջ միշտ լինում է մի մարդ, որի խոսասիրությունը այնքան ավելի մեծ է լինում, որքան նա հեռու է կանգնած խանութի դռներից։ Իսկ ամենից հեռու կանգնած էր Պոլեսովը։

― Էս օրին էլ հասանք, ― ասում էր հրշեջ խմբի պետը, ― շուտով բոլորս էլ քուսպի կանցնենք։ Տասնինը թվին անգամ սրանից լավ էր։ Քաղաքում չորս օրվա ալյուր կա։

Քաղաքացիները կասկածամտորեն ոլորում էին բեղերը, վեճի էին բռնվում Պոլեսովի հետ և վկայակոչում «Ստարգորոդյան Պրավդան»։

Ապացուցելով Պոլեսովին, ինչպես երկու անգամ երկու՝ չորս, թե քաղաքում ինչքան ուզես ալյուր կա և որ խուճապ սարքելու հարկ չկա, քաղաքացիները վազում էին տուն, վերցնում ունեցած կանխիկ դրամը և միանում էին ալրի հերթին։

«Բիստրոուպակի» տղերքը խանութի ամբողջ ալյուրը գնելուց հետո անցան բակալեյա և ստեղծեցին թեյաշաքարային հերթ։

Երեք օրում Ստարգորոդը բռնվեց պարենային և ապրանքային ճգնաժամով։ Կոոպերացիայի և պետառևտրի ներկայացուցիչները առաջարկեցին, մինչև ճանապարհին եղած պարենամթերքի բացթողումը սահմանափակվել մեկական ֆունտ շաքարով և հնգական ֆունտ ալյուրով։

Հետևյալ օրը գտնվեց հակաթույնը։

Առաջինը շաքարի հերթ բռնեց Ալխենը։ Նրա ետևից կինը՝ Սաշխենը, Պաշա Էմիլևիչը, չորս Յակովլևիչները և բոլոր տասնհինգ խնամակալված պառավները իրենց քաթանե զգեստներով։ Ստարսպառկոոպի խանութներից կես փութ շաքար դուրս քաշելուց հետո Ալխենն իր հերթը տարավ մեկ ուրիշ կոոպերատիվ, ճանապարհին անիծելով Պաշա Էմիլևիչին, որը կարողացել էր խժռել իր ստացած մի ֆունտ շաքարավազը։ Պաշան շաքարը բլրաձև լցնում էր ափին և ուղարկում լայն բացած երախը։ Ալխենն ամբողջ օրը դրանով էր զբաղված։ Չորապակսորդից և քաշապակսորդից խուսափելու համար նա Պաշա Էմիլևիչին հանեց հերթից և օգտագործեց գնածը շուկա կրելու համար։ Այնտեղ Ալխենը քաշվելով մասնավոր խանութներին էր վերավաճառում ձեռք բերած շաքարը, ալյուրը, թեյն ու մարկիզետը։

Պոլեսովը հերթի էր կանգնում գլխավորապես սկզբունքից ելնելով։ Նա փող չուներ և միևնույն է՝ ոչինչ գնել չէր կարող։ Նա հերթից հերթ էր քոչում, ականջ էր դնում խոսակցություններին, սուր դիտողություններ էր անում, բազմանշանակալից բարձրացնում էր հոնքերը և մարգարեություն էր անում։ Նրա թերասությունների հետևանքն եղավ այն, որ քաղաքը լցրեցին լուրերով՝ ինչ֊որ Սարից ու Խոպանից եկած ընդհատակյա կազմակերպության մասին։

Նահանգապետ Դյադևը մի օրվա մեջ վաստակեց տասը հազար։ Թե որքան վաստակեց բորսային կոմիտեի նախագահ Կիսլյարսկին՝ իր կինն էլ չգիտեր։

Այն միտքը, որ ինքը պատկանում է գաղտնի ընկերությանը, հանգիստ չէր տալիս Կիսլյարկսուն։ Քաղաքում պտտվող լուրերը վերջնականապես ահաբեկեցին նրան։ Անքուն գիշեր անցկացնելուց հետո բորսային կոմիտեի նախագահը որոշեց, որ միայն անկեղծ խոստովանությունը կարող է կրճատել բանտարգելության ժամկետը։

― Լսիր, Հենրիետտա, ― ասաց նա կնոջը, ― ժամանակն է արդեն կտորեղենը աներձագի մոտ տեղափոխելու։

― Ի՞նչ է, գալո՞ւ են, ― հարցրեց Հենրիետտա Կիսլյարսկայան։

― Կարող են գալ։ Քանի որ երկրում առևտրի ազատություն չկա, ապա ես երբևէ նստելո՞ւ եմ թե չէ։

― Ուրեմն սպիտակեղենը պատրաստե՞մ։ Դժբա՜խտ իմ կյանք։ Շարունակ հանձնելիք տար։ Եվ ինչո՞ւ չես գնում սովետական ծառայության։ Չէ՞ որ աներձագդ պրոֆմիության անդամ է, և՝ ոչի՜նչ։ Իսկ սա անպայման ուզում է կարմիր վաճառական լինել։

Հենրիատտան չգիտեր, որ բախտն իր ամուսնուն դարձրել էր բորսային կոմիտեի նախագահ։ Ուստի և հանգիստ էր։

― Կարող է պատահել, որ գիշերելու չգամ, ― ասաց Կիսլյարսկին, ― այդ դեպքում դու վաղը հանձնելիքով եկ։ Միայն, խնդրում եմ, վարենիկներ չբերես։ Ի՞նչ բավականություն՝ սառը վարենիկներ ուտել։

― Գուցե հետդ պրիմո՞ւս վերցնես։

― Հենց էն է թո՜ւյլ են տալիս բանտախցում պրիմուս պահել։ Դեսը տուր իմ զամբյուղը։

Կիսլյարսկին կալանատան առանձին զամբյուղ ուներ։ Հատուկ պատվերով շինված այդ զամբյուղը միանգամայն ունիվերսալ էր։ Բաց արած վիճակում նա մահճակալ էր, կիսաբաց վիճակում՝ սեղան։ Բացի այդ, նա փոխարինում էր պահարանի, ուներ դարակներ, կեռիկներ և արկղներ։ Կինը ունիվերսալ զամբյուղի մեջ դրեց սառը ընթրիք և մաքուր սպիտակեղեն։

― Ինձ կարող ես չուղեկցել, ― ասաց փորձված ամուսինը։ ― Թե Ռուբենսը փողի ետևից գալու լինի, ասա, որ փող չկա։ Ցտեսություն։ Ռուբենսը կարող է սպասել։

Եվ Կիսլյարսկին դանդաղ և լուրջ քայլվածքով դուրս եկավ փողոց, ձեռքին բռնած կալանատան զամբյուղը։

― Այդ ո՞ւր, քաղաքացի Կիսլյարսկի, ― ձայն տվեց Պոլեսովը։

Նա կանգնել էր հեռագրասյան կողքին և ճիչերով քաջալերում էր կապի բանվորին, որը երկաթյա ճանկերով սյանը կառչած մագլցում էր դեպի մեկուսիչները։

― Գնում եմ խոստովանելու, ― պատասխանեց Կիսլյարսկին։

― Ի՞նչը։

― Սուրն ու խոփը։

Վիկտոր Միխայլովիչի լեզուն բռնվեց։ Իսկ Կիսլյարսկին ցցելով ձվանման փորը, որի վրա կապած էր ամառանոցային գոտի՝ ժամացույցի փոքրիկ գրպանով, անշտապ քայլերով գնաց նահանգային դատախազություն։

Վիկտոր Միխայլովիչը թևերը թափահարեց և թռավ Դյադևի մոտ։

― Կիսլյարսկին պրովոկատոր է, ― բղավեց հրշեջ խմբի պետը։ ― Հենց նոր գնաց մատնվելու։ Հրեն դեռ երևում է։

― Ինչպե՞ս։ Զամբյուղն էլ հե՞տն էր, ― սարսափեց Ստարգորոդի նահանգապետը։

― Հետն էր։

Դյադևը համբուրեց կնոջը, բղավեց, թե բան է՝ Ռուբենսը գալու լինի, փող չտալ նրան, և գլխապատառ դուրս վազեց փողոց։ Վիկտոր Միխայլովիչը շուռումուռ եկավ, հառաչեց ու կչկչաց ձու ածող հավի նման և վազ տվեց Վլադյայի ու Նիկեաշայի մոտ։

Այդ միջոցին քաղաքացի Կիսլյարսկին, դանդաղ զբոսնելով, մոտենում էր դատախազությանը։ Ճանապարհին նա հանդիպեց Ռուբենսին և երկար խոսեց նրա հետ։

― Բա փո՞ղը, ― հարցրեց Ռուբենսը։

― Փողի համար կգնաք կնոջս մոտ։

― Իսկ դուք ինչո՞ւ եք զամբյուղով, ― տարակուսած հարցրեց Ռուբենսը։

― Բաղնիս եմ գնում։

Է՛, թող անուշ լինի։

Ապա Կիսլյարսկին մտավ նախկին «Բոնբոն դե Վարսովի»֊ն, ներկայումս սպառկոոպի հրուշակարանը, մի գավաթ սուրճ խմեց և կերավ շերտակարկանդակ։ Ժամանակն էր գնալու խոստովանելու։ Բորսային կոմիտեի նախագահը մտավ նահանգային դատախազության ընդունարանը։ Այնտեղ դատարկություն էր։ Կիսլյարսկին մոտեցավ դռանը, որի վրա գրված էր՝ «Նահանգային դատախազ» և քաղաքավարի թակեց։

― Կարելի՛ է, ― պատասխանեց Կիսլյարսկուն քաջ ծանոթ ձայնը։

Կիսլյարսկին ներս մտավ և զարմանքից կանգ առավ։ Նրա ձվանման փորը ձեռաց ներս ընկավ և թոռոմեց խուրմայի պես։ Այն, ինչ նա տեսավ, բոլորովին անսպասելի էր իր համար։

Գրասեղանը, որի ետևում նստած էր դատախազը, շրջապատել էին «Սրի և խոփի» հզոր կազմակերպության անդամները։ Դատելով նրան ձեռքերի շարժուձևերից և լալկան ձայներից, նրանք ամեն ինչ խոստովանում էին։

― Ահա նա, ― բացականչեց Դյադևը, ― ամենագլխավոր օկտյաբրիստը։

― Նախ և առաջ, ― ասաց Կիսլյարսկին, վայր դնելով կալանատան զամբյուղը և սեղանին մոտենալով, ― նախ և առաջ ես օկտյաբրիստ չեմ, հետո ես միշտ էլ համակրել եմ սովետական իշխանությանը, և երկրորդ՝ գլխավորը ես չեմ, այլ ընկեր Չարուշնիկովը, որի հասցեն․․․

― Կարմիրբանակայի՛ն, ― բղավեց Դայդևը։

― Համար երեք, ― խմբովին տեղեկացրին Վլադյան ու Նիկեշան։

― Մտնել բակ և ձախ, ― ավելացրեց Վիկտոր Միխալովիչը, ― ես կարող եմ ցույց տալ։

Քսան րոպե անց բերեցին Չարուշնիկովին, որը նախ և առաջ հայտարարեց, որ կաբինետում ներկա եղողներից ոչ ոքի կյանքում երբեք չի տեսել։ Դրանից անմիջապես հետո, ոչ մի ընդմիջում չտալով, Չարուշնիկովը մատնեց Ելենա Ստանիսլվովնային։

Բորսային կոմիտեի նախագահը միայն բանտախղցում իրեն թեթև ու հանգիստ զգաց, երբ սպիտակեղենը փոխեց և մեկնվեց կալանատան զամբյուղի վրա։

Մադամ Գրիցացուևա֊Բենդերը ճգնաժամի օրերին կարողացել էր իր խանութի համար առնվազն չորս ամսվա ուտելեղեն և ապրանք մթերել։ Հանգստանալով, նա նորից սկսեց կարոտել իր ջահել ամուսնուն, որը տառապում էր Փոքր Ժողկոմխորհի նիստերին։ Գուշակուհուն այցելելը չհանգստացրեց նրան։

Ելենա Ստանիսլավովնան, Ստարգորոդի ամբողջ արեոպագի անհտացումից անհանգստացած, վրդովեցուցիչ անփությությամբ թուղթ էր բաց անում։ Թուղթը մերթ աշխարհի կործանում էր գուշակում, մերթ ռոճիկի ավելացում, մերթ ամուսնու հետ տեսակցություն պետական շենքում, անբարյացակամի ՝ ագռավի թագավորի՝ ներկայությամբ։

Բայց հենց այդ գուշակումը շատ տարօրինակ վախճան ունեցավ։ Եկան ագենտները՝ ագռավի թագավորները՝ և գուշակուհուն տարան պետական շենք՝ դատախազի մոտ։

Թութակի հետ մենակ մնալով, այրին շփոթված պատրաստվում էր հեռանալ, երբ հանկարծ թութակը կտուցը խփեց վանդակին և կյանքումն առաջին անգամ խոսեց մարդկային լեզվով։

― Էս օրին էլ հասանք, ― ասաց նա խայթիչ տոնով, գլուխը ծածկեց թևով և կռնատակից մի փետուր պոկեց։

Մադամ Գրիցացուևա֊Բենդերը վախից նետվեց դեպի դռները։

Նրա ետևից հասնում էին կրակոտ կցկտուր խոսքեր։ Հին թռչունը այնպես էր շշմել ագենտների այցելություններից և տիրուհուն պետական տուն տանելուց, որ սկսեց բղավել բոլոր իրեն ծանոթ բառերը։ Նրա ռեպերտուարում ամենամեծ տեղը գրավում էր Վիկտոր Միխայլովիչ Պոլեսովը։

― Բացակայության առկայության դեպքում, ― ջղայնացած ասում էր թռչունը։

Եվ, թառի վրա գլուխկոնծի տալով, աչքով արեց դռների մոտ քարացած այրուն, կարծես ասելով․ «Հը, ինչպե՞ս է դուր գալիս ձեզ, որբև այրի՛»։

― Մա՛յր իմ, ― հառաչեց Գրիցացուևան։

― Ո՞ր գնդում էիք ծառայում, ― հարցրեց թութակը Բենդերի ձայնով։ ― Կռ֊ռ֊ռ֊ռ֊ախ․․․ Եվրոպան մեզ կօգնի։

Այրու փախչելուց հետո թութակը հարդարեց իր կրծկալը և ասաց այն խոսքերը, որ երեսուն տարի շարունակ փորձում էին դուրս քաշել նրանից․

― Պո՛պկա հիմար։

Այրին վազում էր փողոցով՝ ձայնը գլուխը գցած։ Իսկ տանը նրան սպասում էր թեթևսոլիկ մի ծերուկ։

Դա Վարֆոլոմեիչն էր։

― Հայտարարությունով եմ եկել, ― ասաց Վարֆոլոմեիչը, ― երկու ժամ սպասում եմ, օրիորդ։

Նախազգացման ծանր սմբակը հարվածեց Գրիցացուևայի սրտին։

― Օ՜խ, ― ծոր տվեց այրին։ ― Հոգիս մաշվե՜ց։

― Ձեզանից կարծեմ, գնացել է քաղաքացի Բե՞նդերը։ Դուք հայտարարություն եք տվել։

Այրին ընկավ ալրի պարկերի վրա։

― Ի՜նչ թույլ կազմվածք ունեք, ― անուշ ձայնով ասաց Վարֆոլոմեիչը։ ― Ես ամենից առաջ կուզենայի վարձատրման հարցը պարզել․․․

― Օ՜խ․․․ Ամեն ինչ վերցրեք։ Ոչինչ հիմա չեմ ափսոսում, ― սգում էր զգայուն այրին։

― Այսպես ուրեմս։ Ինձ հայտնի է ձեր զավակի՝ Օ․ Բենդերի ուր լինելը։ Ի՞նչ վարձատրություն կլինի։

― Ամեն ինչ վերցրեք, ― կրկնեց այրին։

― Քսան ռուբլի, ― չոր֊չոր ասաց Վարֆոլոմեիչը։

Այրին վեր կացավ պարկերի վրայից։ Նա ալրոտվել էր և ուժեղ թարթում էր ալրոտած թերթերունքները։

― Որքա՞ն, ― վերստին հարցրեց նա։

― Տասնհինգ ռուբլի, ― գինն իջեցրեց Վարֆոլոմեիչը։

Նա զգում էր, որ այդ դժբախտ կնոջից երեք ռուբլի պոկելն էլ դժվար է։

Այրին պարկերը կոխկռտելով, մոտենում էր ծերունուն, վկայության էր կանչում երկնային ուժերին և նրաց օգնությամբ հաստատուն գին սահմանեց։

― Էհ, ինչ արած, աստված ձեզ հետ, թող լինի հինգ ռուբլի։ Միայն խնդրում եմ փողն առաջուց։ Էդ սկզբունքն ունեմ ես։

Վարֆոլոմեիչը հուշատետրից հանեց լրագրի երկու կտրվածք և ձեռքից բաց չթողնելով սկսեց կարդալ։

― Այ բարեհաճեցեք հերթով նայել։ Դուք ուրեմն գրել էիք․ «Աղաչում եմ․․․ տանից գնացել է ընկեր Բենդերը․․․ կանաչ կոստյում դեղին կոշիկներ, երկնագույն ժիլետ․․․»։ Ճի՞շտ է։ Սա ուրեմս «Ստարգորոդյան Պրավդան»։ Բայց ահա թե ինչ են գրում ձեր զավակի մասին մայրաքաղաքի թերթերում։ Ահա՛․․․ «ԸՆկել է ձիու տակ․․․»։ Դուք շատ էլ դարդ մի անեք, մադամոչկա, դենը լսեցեք․․․ «Ընկել է ձիու տակ․․․»։ Կենդանի՛ է, կենդանի։ Ասում եմ ձեզ, կենդանի է։ Բա ես հանգուցյալի համար փող կվերցնեի՞։ Այսպես ուրեմս․ «Ընկել է ձիու տակ։ Երեկ Սվերդլովի հրապարակում N 8974 կառապանի ձիու տակ ընկավ քաղաքացի Օ․ Բենդերը։ Տուժողը պրծավ մի թեթև վախով․․․»։ Այ ուրեմն էս փաստաթղթերը տրամադրում եմ ձեզ, իսկ դուք առաջուց փող տվեք։ Ես էդ սկզբունքն ունեմ։

Այրին լացով տվեց փողը։ Ամուսինը, դեղին կոշիկներով իր սիրելի ամուսինը ընկած էր մոսկովյան հեռավոր հողի վրա, և կառապանի հրաշունչ ձին սմբակով խփում էր նրա երկնագույն գարուսե կրծքին։

Վարֆոլոմեիչի զգայուն հոգին բավարարվեց կարգին վարձատրությունով։ Նա գնաց, այրուն բացատրելով, թե ամուսնու լրացուցիչ հետքերը անտարակույս կգտնվեն «Հաստոց» թերթի խմբագրությունում, որոնց, իհարկե, ամեն ինչ հայտնի է աշխարհում։

Տեր Ֆյոդորի նամակը
Գրված Ռոստովում, «Ծիր֊կաթին եռոցարանում,
իր կնոջը՝ գավառական N քաղաքում

Իմ սիրելի Կա՛տյա։ Նոր դժբախտություն եկավ գլխիս, բայց այս մասին հետո։ Փողն ստացա միանգամայն ժամանակին, որի համար սրտագին շնորհակալություն եմ հայտնում։ Ռոստով հասնելուն պես գնացի ըստ հասցեի։ «Նովորոսցեմենտը» շատ մեծ հիմնարկություն է, այնտեղ ոչ ոք էլ ինժեներ Բռունսին չէր ճանաչում։ Ես այն է բոլորովին հուսահատվելու վրա էի, երբ ինձ գլխի գցեցին։ Գնացեք, ասացին, անձնական սեղան։ Գնացի։ «Հա, ― ասացին ինձ, ― մեզ մոտ էդպիսի մեկը ծառայել է, պատասխանատու աշխատանք էր կատարում, միայն թե, ասում են, անցած տարի գնացել է մեր մոտից։ Նրան գրավեցին տարան Բաքու, Ազերնեֆտում ծառայելու՝ տեխնիկայի անվտանգության գործով»։

Դե աղավնյակս, իմ ճամփորդությունը այնքան էլ կարճ չեղավ, որքան կարծում էինք։ Դու գրում ես, թե փողը սպառվելու վրա է։ Ինչ արած, Կատերինա Ալեքսանդրովնա։ Վախճանին քիչ մնաց սպասելու։ Զինվիր համբերությամբ և աստծուն աղոթելով ծախիր ուսանողական դիագոնալի մունդիրը։ Դեռ հալա շատ ծախսեր ունենք անելու։ Պատրաստ եղիր ամեն ինչի։

Ռոստովում սարսափելի թանկություն է։ Հյուրանոցի համարի համար վճարեցի 2 ռ․25կ․։ Մինչև Բաքու փողը կհերիքի։ Հաջողության դեպքում էստեղից կհեռագրեմ։

Եղանակներն էստեղ շոգ են։ Վերարկուն թևիս եմ կրում։ Վախենում եմ համարում թողնել՝ մեկ էր տեսար թռցրին։ Էստեղի ժողովուրդը երկյուղ չունի։

Ռոստով քաղաքն ինձ դուր չի գալիս։ Ազգաբնակչության քանակով և աշխարհաքաղաքան դիրքով նա զգալիորեն զիջում է Խարկովին։ Բայց ոչինչ, տիրուհիս, աստված տա, միասին Մոսկվա էլ կգնանք։ Այն ժամանակ կտեսնես․ միանգամայն արևմտաեվրոպական քաղաք է։ Իսկ հետո կապրենք Սամարայում, մեր գործարանի կողքին։

Վորոբայնինովը հետ չի՞ վերադարձել արդյոք։ Ո՞ր կողմերումն է հիմա թափառում։ Եվստեգնիևը դեռ ճաշո՞ւմ է մեզ մոտ։ Ի՞նչ վիճակումն է իմ փարաջան մաքրելուց հետո։ Բոլոր մեր ծանոթներին հավատացրու, իբր ես գտնվում եմ մորաքրոջս մահիճի մոտ։ Նույնը գրւր և Գուլենկային։

Հա՛։ Քիչ մնաց մոռանայի քեզ պատմելու այսօր ինձ հետ պատահած ահավոր դեպքի մասին։

Հիանալով խաղաղ Դոնով, կանգնել էի կամրջի մոտ ու երազում էի մեր ապագա լիության մասին։ Մեկ էլ քամի բարձրացավ և քո հացթուխ եղբոր գլխարկը տարավ գցեց գետը։ Էնպես էլ չգտա։ Ստիպված նոր ծախս արի․ անգլիական կեպի գնեցի 2 ռ․50 կոպեկով։ Քո հացթուխ եղբորը ոչինչ մի ասա էս պատահարի մասին։ Համոզիր նրան, որ ես Վորոնեժում եմ։

Վատ է սպիտակեղենի բանը։ Իրիկունը լվանում եմ, իսկ որ չի չորանում, առավոտը թաց֊թաց հագնում եմ։ Ներկա շոգի պայմաններում դա նույնիսկ հաճելի է։

Գրկում և համբուրում եմ քեզ։

Հավետ քո ամուսին Ֆեդյա

Հավիկը և խաղաղօվկիանոսյան աքլորը

Ռեպորտյոր Պերսիցկին եռանդուն կերպով պատրաստվում էր մեծ մաթեմատիկոս Իսահակ Նյուտոնի երկհարյուրամյա հոբելյանին։

Աշխատանքի թեժ պահին ներս մտավ «Գիտության և կայնք»֊ի Ստյոպան։ Նրա ետևից քարշ էր գալիս մի չաղ քաղաքացուհի։

― Լսեցե՛ք, Պերսիցկի, ― ասաց Ստյոպան, ― այս քաղաքացուհին ձեզ մոտ է եկել գործով։ Եկեք այստեղ, քաղաքացուհի․ այս ընկերը ձեզ կբացատրի։

Ստյոպան ծիծաղելով փախավ։

― Հը, ― հարցրեց Պերսիցկին։ ― Ի՞նչ կասեք։

Մադամ Գրիցացուևան (դա նա էր) իր քնքշանվաղ աչքերը հառեց ռեպորտյորի վրա և լուռումունջ մի թուղթ մեկնեց նրան։

― Այդպես, ― ասաց Պերսիցկին, ― ․․․ ընկել է ձիու տակ․․․ պրծել է մի թեթև վախով․․․ Ինչո՞ւմն է բանը։

― Հասցեն, ― աղերսագին խնդրեց այրին, ― չի՞ կարելի հասցեն իմանալ։

― Ո՞ւմ հասցեն։

― Օ․ Բենդերի։

― Ես որտեղի՞ց իմանամ։

― Այ էն ընկերն էր ասում, որ դուք գիտեք։

― Ես ոչինչ չգիտեմ։ Դիմեցեք հասցեների սեղան։

― Բայց, միգուցե, հիշեք, ընկեր։ Դեղին կոշիկներով։

― Ինքս էլ դեղին կոշիկներով եմ։ Մոսկվայում երկու հարյուր հազար մարդ դեղին կոշիկներով են ման գալիս։ Գուցե ուզենա՞ք իմանալ նրանց հասցեները։ Այդ դեպքում խնդրեմ։ Ես ամեն տեսակ աշխատանք կթողնեմ և կզբաղվեմ այդ գործով։ Կես տարուց հետո դուք ամեն բան կիմանաք։ Ես զբաղված եմ, քաղաքացուհի։

Բայց այրին, որը մեծ հարգանքով լցվեց դեպի Պերսիցկին, քայլում էր նրա ետևից միջանցքում և, օսլայած ներքնազգեստը խշխշացնելով, կրկնում էր խնդրանքը։

«Սրիկա Ստյոպա, ― անցավ Պերսիցկու մտքով։ ― Դե լավ, ես նրա վրա բաց կթողնեմ հավիտենական շարժման գյուտարարին, նոր կտեսնեմ, թե ոնց վեր֊վեր կթռչի»։

― Դե ես ի՞նչ կարող եմ անել, ― ջղայնացած հարցրեց Պերսիցկին, այրու առջև կանգ առնելով։ ― Ես որտեղի՞ց կարող եմ իմանալ քաղաքացի Օ․ Բենդերի հասցեն։ Ես նրան տակով անող ձի՞ն եմ, ինչ է։ Թե՞ կառապանը, որի մեջքին նա խփեց իմ աչքի առջև․․․

Այրին պատասխանում էր անորոշ քրթմնջոցով, որից կարելի էր ջոկել միայն «ընկեր» և «շատ եմ․․․» բառերը։

Ժողտան պարապմունքներն արդեն վերջացան։ Գրասենյակն ու միջանցքները դատարկվեցին։ Ինչ֊որ տեղ գրամեքենան ավարտում էր էջի տպագրությունը։

― Պարդոն, մադամ, դուք տեսնում եք, որ ես զբաղված եմ։

Այդ խոսքերով Պերսիցկին անհետացավ զուգարանում։ Տասը րոպե այնտեղ ման գալուց հետո, նա ուրախ֊զվարթ դուրս եկավ։ Գրիցացուևան համբերությամբ յուբկաներն էր շորորում երկու միջանցքների անկյունում։ Պերսիցկու մոտենալուն պես նորից խոսել սկսեց։

― Ահա թե ինչ, մորաքույր, ― ասաց նա, ― թող այդպես լինի, ես ձեզ կասեմ, թե որտեղ է ձեր Օ․ Բենդերը։ Ուղիղ գնացեք միջանցքով, հետո աջ թեքվեք և դարձյալ գնացեք ուղիղ։ Այնտեղ մի դուռ կլինի, հարցրեք Չերեպեննիկովին։ Նա պետք է որ իմանա։

Եվ Պերսիցկին, գոհ իր մոգոնածով, այնպես արագ չքվեց, որ օսլայած այրին չհասցրեց լրացուցիչ տեղեկություններ ստանալ։

Մադամ Գրիցացուևան յուբկաները կարգի բերելով գնաց միջանցքով։

Ժողտան միջանցքները այնքան նեղ ու երկար էին, որ գնացողները ակամայից արագացնում էին քայլերը։ Ուզածդ անցորդով կարելի էր իմանալ, թե որքան է անցել նա։ Եթե նա քայլում էր փոքր֊ինչ արագացրած քայլերով, նշանակում է՝ հենց նոր է սկսվել նրա երթը, երկու կամ երեք միջանցք անցածները միջին վարգ էին զարգացնում։ Իսկ երբեմն կարելի էր տեսնել գլխապատառ վազող մարդու՝ նա գտնվում էր հինգերորդ միջանցքի փուլում։ Իսկ թափով ութը միջանցք անցած քաղաքացին արագության մեջ հեշտ ու հանգիստ կարող էր մրցել թռչունի, մրցարշավի ձիու և աշխարհի չեմպիոն վազող Նուրմիի հետ։

Մադամ Գրիցացուևան, աջ թեքվելով, սկսեց վազել։ Պարկետը ճռճռում էր։

Արագ քայլերով նրան ընդառաջ էր գալիս երկնագույն ժիլետով և մորեգույն կոշիկներով թխահեր մի մարդ։ Օստապի դեմքից երևում էր, որ այս ուշ ժամին ժողտուն այցելելը կապված էր կոնցեսիայի արտակարգ գործերի հետ։ Ըստ երևույթին տեխնիկական ղեկավարի պլանների մեջ չէր մտնում իր սիրուհու հետ հանդիպումը։

Այրուն տեսնելուն պես Բենդերը շուռ եկավ և, առանց ետ նայելու, պատի երկարությամբ գնաց։

― Ընկեր Բենդեր, ― բղավեց այրին հրճվանքով, ― ո՞ւր։

― Սպասե՛ք, բան եմ ասելու, ― խնդրում էր այրին։

Բայց խոսքերը չէին հասնում Օստապի լսողությանը։ Նրա ականջներում արդեն երգում ու սուլում էր քամին։ Նա սլանում էր չորրորդ միջանցքով, ցատկոտում երկաթյա ներքին սանդուղքների բացվածքների վրայով։ Իր սիրուհուն նա թողեց միայն արձագանքը, որ երկար ժամանակ կրկնում էին նրա համար սանդուղքի աղմուկները։

― Շատ շնորհակալ եմ, ― փնթփնթում էր Օստապը, հինգերորդ հարկում նստած, ― ռանդեվույի ժամանակ է գտել։ Ո՞վ է այստեղ ուդարկել այդ կրակոտ տիկնոջը։ Ժամանակն է լիկվիդացնելու կոնցեսիայի մոսկովյան բաժանմունքը, թե չէ մեկ էլ տեսար միայնակ հուսարը եկավ մոտս, այն էլ մոտորով։

Այդ պահին մադամ Գրիցացուևան, Օստապից երեք հարկով, հազար դռնով և մի դյուժին միջանցքներով բաժանված, տակի յուբկայի փեշով սրբեց կարմրատակած երեսը և սկսեց որոնումները։ Սկզբում նա ցանկանում էր շտապ գտնել ամուսնուն և նրա հետ բացատրվել։ Միջանցքներում վառվեցին աղոտ լամպեր։ Բոլոր լամպերը, բոլոր միջանցքներն ու բոլոր դռները միանման էին։ Այրին սարսափեց։ Նա ցանկացավ հեռանալ։

Ենթարկվելով միջանցքային պրոգրեսիային, նա սլանում էր հետզհետե ուժեղացող արագությամբ։ Կես ժամ անց արդեն հնարավոր չէր կանգ առնել։ Նախագահությունների, քարտուղարությունների, տեղկոմների, կազմբաժինների և խմբագրությունների դռները դղրդյունով թռչում, անցնում էին նրա մեծածավալ մարմնի երկու կողմերով։ Վազելիս նա իր երկաթյա յուբկաներով դես ու դեն էր շպրտում կոթուկների աղբամանները։ Աղբամանները կաթսայական աղմուկով գլորվում էին նրա հետքերով։ Միջանցքների անկյուններում գոյանում էին պտուտահողմեր և ջրապտույտներ։ Շրխկում էին բացված օդանցքները։ Պատերին տրաֆարետով նկարած ցուցամատերը խրվում էին խեղճ ճամբորդուհու մեջ։

Վերջապես Գրիցացուևան ընկավ ներքին սադուղքի հարթակը։ Այնտեղ մութ էր, բայց այրին հաղթահարեց վախը, վազեց ներքև և քաշեց ապակեպատ դուռը։ Դուռը փակ էր։ Այրին ետ վազեց։ Բայց ինչ֊որ մեկի հոգատար ձեռքով փակվել էր նաև այն դուռը, որով նա հենց նոր անցել էր։

Մոսկվայում սիրում են դռները փակել։

Հազարավոր շքամուտքեր ներսից մեխված են տախտակներով, և հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց բնակարաններն են անցնում ետևի դռնով։ Վաղուց անցել է տասնութ թվականը, վաղուց արդեն աղոտ հասկացողություն է դարձել «բնակարանի վրա հարձակվելը», քչացել է տնային շարժման պրոբլեմը, կառուցվում են վիթխարի էկեկտրակայաններ, գիտական մեծագույն հայտնություններ են արվում, բայց չկա մի մարդ, որն իր կյանքը նվիրի փակ դռների պրոբլեմը լուծելուն։

Ո՞վ է այն մարդը, որ լուծելու է կինեմատոգրաֆների, թատրոնների և կրկեսների առեղծվածը։

Երեք հազար մարդ երեք րոպեի ընթացքում կրկես են մտնելու մի փեղկով բացված միակ դռնով։ Մնացած տասը դռները, որոնք հատկապես շինվել են ժողովրդի հոծ բազմություններ թողնելու համար, փակ են։ Ո՞վ գիտե, թե ինչու են փակ նրանք։ Հնարավոր է, որ քսան տարի առաջ կրկեսի ախոռից գողացել են վարժեցրած մի ավանակ, և այդ օրվանից ահուդողով բռնված դիրեկցիան փակում է հարմար մուտքերն ու ելքերը։ Կամ մի գուցե օրերից մեկ օր միջանցուկ քամին բռնել է օդի նշանավոր արքային, և փակ դռները արքայի սարքած սկանդալի հեռավոր արձագանքն է միայն։

Թատրոններում և կինոներում հանդիսականներին դուրս են թողնում փոքրիկ խմբերով, իբր խռնումներից խուսափելու համար։ Խռնումներից խուսափելը շատ հեշտ է՝ բավական է միայն առատորեն բացել ունեցած դռները։ Բայց դրա փոխարեն ադմինիստրացիան բռնի ուժ է գործադրում։ Կապելդիներները ձեռք֊ձեռքի բռնած կենդանի պատնեշ են սարքում և այդ կերպ հասարակությանը կես ժամից ավելի պահում են պաշարված վիճակում։ Իսկ դռները, դեռևս Պավել առաջինի օրոք փակված դռները, մինչև օրս էլ փակ են։

Տասնհինգ հազար ֆուտբոլասեներ, հավաքական Մոսկվայի կտրիճ խաղով գրգռված, ստիպված են դեպի տրամվայը գնալ այնքան նեղ ճեղքի միջով, որ թեթևակի զինած մի զորական կարող է այնտեղ պահել քառասուն հազար բարբարոսի, երկու պաշտպանողական աշտարակ զորավիգ ունենալով։

Սպորտային ստադիոնը կտուր չունի, բայց մի քանի դարբասներ կան։ Բաց է միայն դռնակը։ Կարելի է դուրս գալ միայն դարբասները ջարդելով։ Յուրաքանչյուր մեծ մրցությունից հետո դարբասները ջարդում են։ Բայց սրբազան տրադիցիաները պահպանելու հոգատարությամբ, ամեն անգամ դրանք նորոգում և պինդ փակում են։

Եթե արդեն ոչ մի հնարավորություն չի լինում դուռ կախելու (այդ լինում է այն ժամանակ, երբ կախելու տեղ չի լինում), գործի են դրվում ամեն տեսակի գաղտնի դռները․

1․ Արգելափակոցներ։

2. Ուղեփակեր։

3. Շուռ տված նստարաններ։

4. Արգելիչ մակագրություններ։

5. Թոկեր։

Արգելափակոցները շատ տարածված են հիմնարկություններում։

Նրանցով փակում են հարկավոր աշխատակցի մոտ գնալու մուտքը։

Այցելուն վագրի պես քայլում է արգելափակոցի երկարությամբ, ջանալով նշաններով իր վրա հրավիրել ուշադրությունը։ Այդ բանը միշտ չի հաջողվում։ Բայց միգուցե այցելուն օգտակար գյուտ է բերել։ Միգուցե ուզում է պարզապես եկամտահարկ վճարել։ Բայց արգելափակոցը խանգարեց՝ գյուտը մնաց անհայտ, և հարկը մնաց չվաճարված։

Ուղեփակը գործադրում են փողոցում։

Այն դնում են գարնանը աղմկոտ մագիստրալի վրա իբր մայթի նորոգումը մեկուսացնելու հաար։ Եվ աղմկոտ փողոցը մի ակնթարթում ամայանում է։ Անցորդները իրենց ուզած տեղերն են գնում ուրիշ փողոցներով։ Նրանք ստիպված են լինում օրական մի ավելորդ կիլոմետր քայլել, բայց թեթևաթև հույսը չի լքում նրանց։ Ամառն անցնում է։ Տերևները թոշնում են։ Իսկ ուղեփակը դեռ կանգնած է։ Նորոգում չի արված։ Փողոցն էլ ամայի է։

Շուռ տված պարտեզային նստարաններով փակում են մոսկովյան պուրակների մուտքերը, որոնք շինանրարների զայրացուցիչ անփութության հետևանքով պինդ դարբասնսեր չունեն։

Արգելիչ մակագրությունների մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել։ Բայց դա հիմա հեղինակների պլանի մեջ չի մտնում։

Այդ մակագրությունները լինում են երկու կարգի․ ուղղակի և անուղղակի։

Ուղղակիների թվին կարելի է դասել․

Մուտքը արգելվում է
Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է
Մուտք չկա

Այդօրինակ մակագրություններ երբեմն կախվում են հենց այն հիմնարկների դռներին, ուր հատկապես մեծ թվով մարդիկ են այցելում։

Անուղղակի մակագրություններն ավելի կործանարար են։ Նրանք մուտքը չեն արգելում, բայց և այնպես հազվադեպ խիզախը ռիսկ կանի օգտվելու իր իրավունքով։ Ահա այդ խայտառակ մակագրությունները․

Առանց զեկուցման ներ չմտնել
Ընդունելություն չկա
Քո այցելությամբ դու խանգարում ես զբաղված մարդկանց։

Այնտեղ ուր չի կարելի արգելափակոցներ կամ ուղեփակեր դնել, նստարանները շուռ տալ կամ արգելիչ մակագրություններ կախել ― այնտեղ թոկ են կապում։ Նրանք ներշնչմամբ կապվում են մարդկային կրծքի բարձրության վրա, գործը սահամանափակվում է թեթև վախով և փոքր֊ինչ ջղային ծիծաղով։ Իսկ կոճերի բարձրության կապված թոկը կարող է խեղդել մարդկանց։

Գետնի տա՛կն անցնեն դռները։ Գետնի տա՛կն անցնեն թատերական մուտքերի հերթերը։ Թո՛ւյլ տվեք մտնել առանց զեկուցման։ Աղերսում ենք՝ հանե՛ք ուղեփակը, որ անհոգ տնային կառավարիչը դրել է իր տակնուվրա արած մայթի մոտ։ Դեն տարեք շուռ տված նստարանները։ Իրենց տեղը դրեք դրանք։ Պուրակում հենց գիշերն է հաճելի նստել։ Օդը մաքուր է և գլխումդ հազար ու մի խելոք մտքեր են ծագում։

Մադամ Գրիցացուևան, նստած Ժողտան հենց մեջտեղում ապակեպատ միակ փակ դռան մոտի սանդուղքին, մտորում էր իր այրու բախտի մասին, երբեմն֊երբեմն ննջում և սպասում էր առավոտին։

Լուսավորված միջանցքից ապակեպատ դռան միջով այրու վրա էր թափվում էլեկտրական լուսամփոփների դեղին լույսը։ Մոխրագույն առավոտը թափանցում էր սանդուղքային վանդակի պատուհանի միջով։

Խաղաղ այն ժամն էր, երբ առավոտը դեռ ջահել է ու անարատ։ Այդ ժամին Գրիցացուևան ոտնաձայներ լսեց միջանցքում։ Այրին արագ վեր կացավ և հպվեց ապակուն։ Միջանցքի վերջում փայլատակեց երկնագույն ժիլետը։ Մորեգույն կոշիկները գաղջոտվել էին։ Թուրքահպատակի թեթևսոլիկ տղան, պիջակի փոշին թափ տալով մոտենում էր ապակեպատ դռանը։

― Սլվլի՛կ, ― կանչեց այրին։ ― Սըլվը՛֊լի՜կ։

Նա շնչում էր ապակու վրա անասելի քնքշանքով։ Ապակին մշուշապատվեց, ծիածանային երանգ ստացավ։ Մշուշի և ծիածանների մեջ շողշողում էին երկնագույն և ծիածանագույն տեսիլներ։

Օստապը չէր լսում այրու կուկու կանչերը։ Նա մեջքն էր քորում և գլուխը մտախոհ օրորում էր։ Մի վայրկյան ևս, և նա կկորչեր շրջադարձի ետևում։

Խեղճ կինը «Ընկե՛ր Բենդեր» ճչալով տկտկացրեց ապակուն։ Մեծ կոմբինատորը շուռ եկավ։

― Ա՜, ― ասաց նա, տեսնելով որ այրուց բաժանված է փակ դռնով, ― դուք է՞լ եք այստեղ։

― Այստեղ եմ, այստեղ, ― խնդագին կրկնեց այրին։

― Դե գրկիր ինձ, իմ ուրախություն, մենք այնպես երկար չենք տեսնվել, ― հրավիրեց տեխնիկական դիրեկտորը։

Այրին դեսուդեն ընկավ։ Դռան ետևում ցատկոտում էր վանդակ ընկած թռչնակի պես։ Գիշերվա ընթացքում սսկած յուբկաները դարձյալ սկսեցին խշխշալ։ Օստապը բացեց գիրկը։

― Բա ինչո՞ւ չես գալիս հավիկ իմ։ Քո խաղաղօվկիանոսյան աքլորը այնպես հոգնել է Փոքր Ժողկոմխորհի նիստում։

Այրին զուրկ էր ֆանտազիայից։

― Սըլվըլի՛կ, ― ասաց նա հինգերորդ անգամ։ ― Բաց արեք դուռը, ընկեր Բենդեր։

― Կամա՛ց, այ աղջի։ Համեստությունը զարդարում է կնոջը։ Ի՞նչ հարկ կա ցատկոտելու։

Այրին տանջվում էր։

― Դե, ի՞նչ եք ձեզ կտրատում, ― հարցրեց Օստապը։ ― Ո՞վ է ձեզ խանգարում ապրել։

― Ինքը գնացել է, ինքն էլ հարցնում է։

Եվ այրին լաց եղավ։

― Սրբեք ձեր աչիկները, քաղաքացուհի։ Ձեր ամեն մի արցունքը մի մոլեկուլ է տիեզերքում։

Իսկ ես սպասում էի, սպասում, առուտուրս փակեցի։ Ձեր ետևից եկա, ընկեր Բենդեր։

― Է, հիմա ինչպե՞ս եք ապրում սանդուղքի վրա։ Հո չի՞ փչում։

Այրին հետզհետե սկսեց եռ գալ, ինչպես վանքի մեծ ինքնաեռ։

― Դավաճա՛ն, ― արտասանեց նա, ցնցվելով։

Օստապը դեռ մի քիչ ազատ ժամանակ ուներ։ Նա մատները չրխկացրեց և, ռիթմիկ օրորվելով, մեղմ երգեց․

Սատանի մի կտոր
Մեր մեջ է թաքնված․
Եվ կանանց հմայքից
Հրդեհ է բռնկված․․․

― Այ դու տրաքես հա՜, ― ասաց այրին պարն ավարտվելուց հետո։ ― Ապարանջանը գողացար, ամուսնուս նվերը։ Բա աթո՞ռն ինչու տարար։

― Դուք, կարծեմ, անցնում եք անձնավորությունների՞ն, ― սառը նկատեց Օստապը։

― Գողացա՛ր, գողացա՛ր, ― պնդում էր այրին։

― Ահա թե ինչ, աղջի․ ձեր ականջին օղ արեք, որ Օստապ Բենդերը երբեք ոչ մի բան չի գողացել։

― Բա թեյքամի՜չն ո՞վ տարավ։

― Ա՛խ, թեյքամի՜չը։ Ձեր դժվար իրացվող ֆոնդի՞ց։ Այդ դեպքում կյանքի նկատմամբ ունեցած մեր տեսակետները տրամագծորեն հակադիր են։

― Տարար, ― կկուի պես կանչում էր այրին։

― Ուրեմն, եթե քաջառողջ մի երիտասարդ գավառացի մի տատիկից փոխարինաբար վերցնում է տկարության հետևանքով նրա համար ոչ պիտանի խոհանոցային մի պիտույք, նշանակում է նա գո՞ղ է։ Այդպե՞ս կհրամայեք հասկանալ ձեզ։

― Գո՛ղ է, գո՛ղ։

― Այդ դեպքում մենք ստիպված ենք բաժանվել։ Ես համաձայն եմ ապահարզանի։

Այրին նետվեց դեպի դուռը։ Ապակիները դողացին։

Օստապը հասկացավ, որ գնալու ժամանակն է։

― Գրկելու ժամանակ չունեմ, ― ասաց նա, ― մնաս բարով սիրելիս։ Մենք բաժանվեցինք, ինչպես նավերը ծովում։

― Օգնեցե՜ք, ― գոռում էր այրին։

Բայց Օստապն արդեն միջանցքի ծայրումն էր։ Նա բարձրացավ լուսամուտի գոգը, ծանրորեն թռավ գիշերվա անձրևից դեռ խոնավ գետնին և թաքնվեց ֆիզկուլտուրային փառահեղ այգիներում։

Այրու ճիչերի վրա եկավ արթնացած պահակը։ Նա դուրս թողեց կալանավորուհուն՝ տուգանք սպառնալով։

«Գավրիլիադայի» հեղինակը

Երբ մադամ Գրիցացուևան լքում էր գրասենյակի անհյուրընկալ կայանը, դեպի Ժողտուն էին հոսում ամենահամեստ կարգի ծառայողները, ցրիչները, ելից և մտից օրիորդները, հերթափոխային հեռախոսավարուհիները, հաշվետարների պատանի օգնականներն ու բրոնյայի անչափահասները։

Նրանց մեջ շարժվում էր Նիկիֆոր Լյապիսը, շատ ջահել մի մարդ՝ ոչխարի սանրվածքով և անհամեստ հայացքով։

Տգետները, հաստակողերն ու առաջին անգամ այցելողները Ժողովուրդների տուն էին մտնում գլխավոր մուտքից։ Նիկիֆոր Լյապիսը շենք մտավ ամբուլատորիայի միջով։ Ժողովուրդների տանը նա տանու մարդ էր և գիտեր դեպի այն օազիսները տանող կարճ ճանապարհները, ուր գերատեսչական ժուռնալների լայնասաղարթ հովանու տակ ցայտում են հոնորարի վճիտ աղբյուրները։

Նիկիֆոր Լյապիսը նախ և առաջ մտավ բուֆետ։ Նիկելե դրամարկղը նվագեց մատչիշ և նետեց երեք չեկ։ Նիկիֆորը կերավ մածուն, բացելով թղթով կնքված բաժակը, և ծաղկաթմբի նմանող կրեմի թխվածք։ Այդ բոլորի վրայից թեյ խմեց։ Ապա առանց շտապելու սկսեց շրջագայել իր կալվածքները։

Առաջին այցելությունն արավ որսորդական «Գերասիմ և Մումու» ամսագրի խմբագրությանը։ Ընկեր Նապյորնիկովը դեռ չկար, և Նիկիֆոր Լյապիսը շարժվեց դեպի «Հիդրոսկոպիկ տեղեկագիրը», շաբաթական մի ձայնափող, որի միջոցով դեղագործության աշխատողները շփվում էին արտաքին աշխարհի հետ։

― Բարի լույս, ― ասաց Նիկիֆորը, ― հիանալի բանաստեղծություն եմ գրել։

― Ինչի՞ մասին, ― հարցրեց գրական էջի պետը։ ― Ի՞նչ թեմայով։ Դուք հո լավ գիտեք, Տրուբեցկոյ, որ մեր ժուռնալը․․․

«Հիգրոսկոպիկ տեղեկագրի» էությունը ավելի նրբորեն բնորոշելու համար պետը մատները շարժեց։

― Տրուբեցկոյ֊Լյապիսը նայեց սպիտակ ռագոժից կարած իր շալվարին, իրանը ետ թեքեց և երգաձայն ասաց․

«Բալլադա փտախտի մասին»։

― Դա հետաքրքիր է, ― նկատեց հիգրոսկոպիկ անձավորությունը։ ― Վաղուց ժամանակն է մատչելի ձևով անցկացնել պրոֆիլակտիկայի գաղափարները։

Լյապիսն անմիջապես արտասանեց․

Տառապում էր Գավրիլան ցավից,
Գավրիլան հիվանդ էր փթախտով․․․

Այնուհետև նույն կտրիճական քառոտնյա յամբով պատմվում էր Գավրիլայի մասին, որն իր տգիտության երեսից ժամանակին չի գնացել դեղատուն և մահացել է նրանից, որ վերքի վրա յոդ չի քսել։

― Դուք առաջադիմում եք, Տրուբեցկոյ, քաջալերեց խմբագիրը, ― բայց կուզենայի ավելի շատ․․․ Դուք հասկանո՞ւմ եք։

Նա մատները շարժեց, բայց սարսափելի բալլադը վերցրեց, խոստանալով երեքշաբթի վճարել։

«Մորզիստի առօրյան» ժուռնալում Լյապիսին դիմավորեցին հյուընկալորեն։

― Լավ է, որ եկաք, Տրուբեցկոյ։ Մեզ հենց բանաստեղծություն է պետք։ Միայն թե՝ կենցաղ, կենցաղ, կենցաղ։ Ոչ մի լիրիկա։ Լսո՞ւմ եք, Տրուբցկոյ։ Որևէ բան փոստհեռաշխատողների կյանքից և դրա հետ միասին, դուք հասկանո՞ւմ եք․․․

Հենց երեկ ես մտորում էի փոստհեռաշխատողների կենցաղի մասին։ Եվ ինձ մոտ զեղվեց այսպիսի մի պոեմ։ Այն կոչվում է «Վերջին նամակ»։ Ահա․․․

Փոստատար էր մեր Գավրիլան,
Գավրիլան նամակ էր բաժանում․․․

Գավրիլայի պատմությունը պարփակվել էր 72 տողի մեջ։ Բանաստեղծության վերջում նամակատար Գավրիլան, ֆաշիստի գնդակով խոցված լինելով հանդերձ, նամակը հասցնում է հասցեատիրոջը։

― Այդ որտե՞ղ է տեղի ունեցել, ― հարցրին Լյապիսին։

Օրինական հարց էր։ ՍՍՌՄ֊ում ֆաշիստներ չկան, արտասահմանում չկան Գավրիլաներ, կապի աշխատողների միության անդամներ։

― Ինչո՞ւմն է բանը, ― հարցրեց Լյապիսը։ ― Դեպքը տեղի է ունենում իհարկե մեզ մոտ, իսկ ֆաշիստը ծպտված է։

― Գիտեք ինչ, Տրուբեցկոյ, ավելի լավ է մեզ համար գրեք ռադիոկայանի մասին։

― Իսկ ինչո՞ւ փոստատարին չեք ուզում։

― Թող մնա։ Մենք այն վերցնում ենք պայմանականորեն։

Նիկիֆոր Լյապիս֊Տրուբեցկոյը տխուր֊տրտում նորից գնաց «Գերասիմ և Մումու»։ Նապյորնիկովն արդեն նստել էր իր գրասեղանի ետևում։ Պատից կախված էր Տուրգենևի խիստ մեծացրած դիմանկարը՝ պենսնեով, ճահճային սապոգներով և երկփողանի հրացանը առաջ թեքած։ Նապյորնիկովի կողքին կանգնած էր Լյապիսի մրցակիցը ― արվարձանից եկած բանաստեղծը։

Սկսվեց հին երգը Գավրիլայի մասին, բայց արդեն որսորդական թեքումով։ Ստեղծագործությունը գնում էր «Գողորսորդի աղոթքը» վերնագրի տակ։

Դարան մտավ մեր Գավլիլան,
Գավրիլան շլդիկ սպանեց։

Շա՜տ լավ է, ― ասաց բարի Նապյորնիկովը։ ― Դուք, Տրուբեցկոյ, այս բանաստեղծությունով գերազանցեցիք նույնիսկ Էնտիխին։ Միայն թե որոշ բան պետք է փոխել։ Առաջինը՝ արմատով դեն նետեցեք «աղոթքը»։

― Եվ շլդիկին, ― ասաց մրցակիցը։

― Իսկ շլդիկին ինչո՞ւ, ― զարմացավ Նապյորնիկովը։

― Որովհետև սեզոնը չէ։

― Լսում եք, Տրուբեցկոյ, փոխեք և շլդիկին։

Ձևափոխված պոեմի վերնագիրն էր «Դաս գողորսորդին», իսկ շլդիկը փոխարինվել էր կտցորով։ Հետո պարզվեց, որ ամառը կտցարներին նույնպես չեն սպանում։ Բանաստեղծությունը վերջնական ձևով կարդացվում էր այսպես․

Դարան մտավ Գավրիլան մեր,
Գավրիլան հավք սպանեց․․․

և այլն։

Ճաշարանում նախաճաշելուց հետո Լյապիսը նորից անցավ գործի։ Սպիտակ շալվարը երևում և անհետանում էր միջանցքների մթության մեջ։ Նա մտնում էր խմբագրությունները և վաճառում բազմադեմ Գավրիլային։

«Կոոպերատիվ սրինգին» Գավրիլան հանձնվեց «Էոլյան սրինգ» անվան տակ։

Գործակատար էր Գավրիլան,
Գավրիլան սրինգ էր վաճառում․․․

«Անտառն ինչպես որ կա» հաստավուն ամսագրի միամիտները Լյապիսից գնեցին փոքրիկ մի պոեմ «Անտառի եզրին» վերնագրով։ Այն սկսվում էր այսպես․

Գավրիլան քայլում էր անտառում,
Գավրիլան բամբուկ էր կտրում։

Գավրիլան այդ օրը վերջին անգամ զբաղվեց հաց թխելով։ Նրա համար տեղ գտնվեց «Բուլկու աշխատող»֊ի խմբագրությունում։ Պոեմը երկար ու տխուր վերնագիր ուներ «Հացի, արտադրանքի որակի և սիրածի մասին»։ Պոեմը ձոնված էր հանելուկային Խինա Չլեկին։ Սկիզբը առաջվա պես էպիկական էր․

Հացթուխ էր արդ մեր Գավրիլան,
Գավրիլան բուլկի էր թխում․․․

Քաղաքավարի պայքարից հետո ձոնը դեն նետվեց։

Ամենացավալին այն էր, որ Լյապիսին ոչ մի տեղ փող չտվին։ Ոմանք խոստացան տալ երեքշաբթի օրը, մյուսները՝ հինգշաբթի կամ ուրբաթ՝ երկու շաբաթ անց։ Ստիպված էր փոխարինաբար վերցնելու համար գնալ թշնամու բանակատեղը, այնտեղ, ուր Լյապիսին բնավ չէին տպագրում։

Լյապիսն հինգերորդ հարկից իջավ երկրորդը և գնաց «Հաստոցի» քարտուղարություն։ Իր քոռ բախտից նա անմիջապես բախվեց անխոնջ աշխատող Պերսիցկու հետ։

― Ա՜, ― բացականչեց Պերսիցկին։ ― Լյա՜պուս։

― Լսեցեք, ― ասաց Նիկիֆոր Լյապիսը, ձայնը ցածրացնելով, ― տվեք ինձ երեք ռուբլի։ «Գերասիմն ու Մումուն» ինձ ահագին փող է պարտք։

― Հիսուն կոպեկ կտամ։ Սպասեցեք։ Հիմա կգամ։

Եվ Պերսիցկին վերադարձավ, բերելով իր հետ «Հաստոցի» մի տասնյակ աշխատակիցների։

Ընդհանուր խոսակցություն ծայր առավ։

― Հը, ինչպե՞ս վաճառեցիք, ― հարցրեց Պերսիցկին։

― Հիանալի բանաստեղծություններ եմ գրել։

― Գավրիլայի մասի՞ն։ Որևէ գեղջկական բա՞ն։ «Ծեգը֊ծեգին Գավրիլան մեր, վար էր անում իր գութանով»։

― Ի՜նչ Գավրիլա։ ՉԷ՞ որ դա խալտուրա է, ― պաշտպանվում էր Լյապիսը։ ― Ես գրել եմ Կովկասի մասին։

― Իսլ դուք եղե՞լ եք Կովկասում։

― Երկու շաբաթից մեկնելու եմ։

― Իսկ չե՞ք վախենում, Լյապսուս։ Այնտեղ ախր բորենիներ կան։

― Շա՜տ պետքս է։ Չէ՞ որ նրանք Կովկասում թունավոր չեն։ Այդ պատասխնից հետո բոլորը ուշադրությունները լարեցին։

― Ասացեք, Լյապսուս, ― հարցրեց Պերսիցկին, ― ձեր կարծիքով բորենիներն ի՞նչ տեսակ են։

― Գիտեմ էլի, վազ անցեք։

― Դե որ գիտեք, ասացեք։

― Այսպես էլի․․․ օձանման։

― Այո, այո, դուք իրավացի եք, ինչպես միշտ։ Չէ՞ որ ձեր կարծիքով վայրի այծի թամբը մատուցում են սեղանին ասպանդակի հետ միասին։

― Ես երբեք այդ բանը չեմ ասել, ― բղավեց Տրուբեցկոյը։

― Չեք ասել։ Գրել եք։ Ինձ Նապյորնիկովն է ասել, որ դուք փորձել եք իբր որսորդների կենցաղից վերցրած այդպիսի լղպոր ոտանավորներ խցկել «Գերասիմը և Մումուն»։ Ասացեք խղճով, Լյապսուս, ինչո՞ւ եք գրում այն մասին, ինչ կյանքում ոչ տեսել եք, ոչ էլ որևէ պատկերացում ունեք։ Ինչո՞ւ ձեր «Կանտոն» բանաստեղծության մեջ պենյուարը ― պարահանդեսային զգեստ է։ Ինչո՞ւ։

― Դուք քաղքենի եք, ― պարծենկոտությամբ ասաց Լյապիսը։

― Ինչո՞ւ ձեր «Բուդյոննու մրցանակի ձիարշավը» ոտանավորի մեջ ժոկեյը նախ անրափոկն է քաշում ձիու վրա և դրանից հետո նստում է նստիքին։ Դուք երբևէ անրափոկ տեսե՞լ եք։

― Տեսել եմ։

― Դե ասացեք, ինչպիսի՞ն է նա։

― Հանգիստ թողեք ինձ։ Դուք պսիխ եք։

― Իսկ նստիք տեսած կա՞ք։ Ձիարշավում եղե՞լ եք։

― Պարտադիր չէ ամեն տեղ լինել, ― բղավում էր Լյապիսը։ ― Պուշկինը թուրքական բանաստեղծություններ էր գրում և երբեք չէր եղել Թուրքիայում։

― Հա իհարկե, չէ՞ որ Էրզրումը գտնվում է Տուլայի նահանգում։

Լյապիսը չհասկացավ սարկազմը։ Նա տաքացած շարունակեց․

― Պուշկինը գրում էր նյութերի հիման վրա։ Նա կարդացել էր Պուգաչովյան ապստամբության պատմությունը, իսկ հետո գրել։ Իսկ ինձ ձիարշավի մասին պատմել էր Էնտիխը։

Այս վիրտուոզ պաշտպանությունից հետո Պերսիցկին համառող Լյապիսին քարշ տվեց հարևան սենյակը։ Հանդիսատեսները հետևեցին նրանց։ Այնտեղ պատին փակցված էր թերթի մի մեծ կտրվածք՝ շուրջը սև երիզով շրջագծած։

― Այս ակնարկը դո՞ւք եք գրել «Նավապետի կամրջակ»֊ում։

― Ես եմ գրել։

― Սա, կարծես, ձեր առաջին փո՞րձն է արձակում։ Շնորհավորում եմ։ «Ալիքները թավալվում էին ծովապատնեշի վրայով և սրընթաց դոմկրատի պես թափվում ցած․․․»։ Համա՜ թե ծառայություն եք մատուցել «Նավապետի կամրջակ»֊ին։ Այժմ «Կամրջակը» երկար ժամանակ ձեզ չի մոռանա, Լյապիս։

― Ինչո՞ւմն է բանը։

― Բանն այն է, որ․․․ Դուք գիտե՞ք, թե ինչ բան է դոմկրատը։

― Դե, իհարկե գիտեմ, հանգսիտ թողեք ինձ։

― Ինչպե՞ս եք պատկերացնում դոմկրատը։ Նկարագրեցեք ձեր խոսքերով։

― Այսպես․․․ Ընկնում է, մի խոսքով։

― Դոմկրատն ընկնում է։ Նկատի առեք ամենքդ։ Դոմկրատը սրընթաց ընկնում է։ Սպասեցեք, Լյապսուս, ես ձեզ հիմա կբերեմ հիսուն կոպեկ։ Մի թողնեք նրան։

Բայց այս անգամ էլ հիսուն կոպեկ չտրվեց։ Պերսիցկին տեղեկատու բյուրոյից քարշ տվեց բերեց Բրոկհաուզի քսանմեկերորդ՝ Դոնիցյիից մինչև Եվրեինով՝ հատորը։ Փնտրվող բառը գտնվեց Մեկենբուրգ ― Շվերինսկու մեծ հերցոգությունում եղած Դամիցյի բերդի և Բելգիայում ու Նիդեռլանդիայում հոսող Դոմմեյ գետի արանքում։

― Լսեցեք։ «Դոմկրատ (գերմ․ Daumkra(t) ― զգալի ծանրություններ բարձրացնող մեքենաներից մեկը։ Սովորական հասակով։ Դ․, որ գործածվում է կառքեր բարձրացնելու համար, բաղկացած է շարժական ատամնավոր շերտից, որին կոթի օգնությամբ բռնում է պտտվող ատամնանիվը․․․» և այլն։ Այնուհետև․ «Ջոն Դիկսոնը 1879 թ․ «Կլեոպատրայի ասեղ» անունով հայտնի կոթողը կանգնեցրեց իր տեղում, չորս բանվորի օգնությամբ, որոնք գործում էին չորս հիդրավլիկ Դ․֊ով։ Նշանակում է, Բրոկհաուզն ու Էֆրոնը հիսուն տարի շարունակ խաբե՞լ են մարդկությանը։ Ինչո՞ւ եք խալտուրայով զբաղվում, սովորելու փոխարեն։ Պատասխանեցե՛ք։

― Ինձ փող է պետք։

― Բայց դուք երբեք փող չեք ունենում։ Շարունակ հիսուն կոպեկի ետևից եք ընկած։

― Ես կահույք եմ գնել և բյուջեից ընկել եմ։

― Իսկ շա՞տ կահույք եք գնել։ Ձեզ ձեր խալտուրայի համար տալիս են այնքան, որքան նրանք արժեն՝ գրոշ։

― Լա՜վ գրոշ է։ Մի այնպիսի աթոռ եմ գնել աճուրդում․․․

― Օձարև՞։

― Ոչ։ Պալատից։ Բայց գլխիս դժբախտություն եկավ։ Երեկ գիշեր վերադարձա տուն․․․

― Խինա Չլեկի մոտի՞ց, ― միաձայն բղավեցին ներկա եղողները։

― Խի՛նա․․․ Խինայի հետ վաղուց արդեն չեմ ապրում։ Վերադառնում էի Մայակովսկու դիսպուտից։ Տուն եմ գալիս։ Պատուհանը բաց է։ Իսկույն զգացի, որ մի բան է պատահել։

― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասաց Պերսիցկին, երեսը ձեռքերով փակելով։ ― Ես զգում եմ, ընկերներ, որ Լյապսուսից գողացել են նրա լավագույն գլուխ֊գործոցը՝ «Գավրիլան մտել էր ծառայության, դռնապան էր այդ Գավրիլան»։

― Թույլ տվեք խոսքս վերջացնեմ։ Զարմանալի՜ խուլիգանություն։ Սենյակս էին խցկվել ինչ֊որ սրիկաներ և պատառոտել աթոռի ողջ բոլորակարը։ Գուցե որևէ մեկդ հինգ ռուբլի տաք՝ նորոգման համար։

― Նորոգման համար նոր Գավրիլա հորինեցեք։ Ես ձեզ կարող եմ նույնիսկ սկիզբն ասել։ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք․․․ Հիմա․․․ Ահա․ «Գավրիլան աթոռ գնեց շուկայում, Գավրիլան վատ աթոռ առավ»։ Շո՛ւտ գրեցեք։ Դա շահույթով կարելի է ծախել «Կոմոդի ձայն»֊ին․․․ Է՛խ, Տրուբեցկոյ, Տրուբեցկոյ․․․ Հա, ի դեպ, Լյապսուս, դուք ինչո՞ւ եք Տրուբեցկոյ։ Ինչո՞ւ մի ավելի լավ կեղծանուն չեք վերցնում։ Օրինակ՝ Դոլգորուկի։ Նիկիֆոր Դոլգորուկի։ Կամ՝ Նիկիֆոր Վալուա։ Կամ դրանից լավը՝ քաղաքացի Նիկիֆոր Սումարոկով ― Էլստոն։ Թե բան է՝ մի լավ խմելու առիթ լինի, մեկից երեք ոտանավոր տպելու լինեն «Գերմումու»֊ում, ապա փայլուն ելք կգտնեք ստեղծված դրությունից։ Զառանցանքներից մեկի տակ կստորագրեք Սումարոկով, մյուս մակուլատուրայի տակ՝ Էլստոն, իսկ երրորդինը՝ Յուսուպով։ ․․․ Է՛խ դու, խալտուրշչիկ․․․

Կոլումբի թատրոնում

Իպոլիտ Մատվեևիչը հետզհետե քծնող էր դառնում։ Երբ նայում էր Օստապին, նրա աչքերը երկնագույն ժանդարմական երանգ էին ստանում։

Իվանոպուլայի սենյակում այնպես շոգ էր, որ Վորոբյանինովի չորացած աթոռները ճարճատում էին բուխարիկում վառվող փայտի պես։ Մեծ կոմբինատորը հանգստանում էր՝ երկնագույն ժիլետը գլխի տակ դրած։

Իպոլիտ Մատվեևիչը նայում էր պատուհանից դուրս։ Այնտեղ, ծուռումուռ նրբանցքներով, մոսկովյան պստլիկ այգիների կողքով սլանում էր զինանշան ունեցող կառեթը։ Նրա սև լաքի մեջ փոխ առ փոխ անդրադառնում էին գլուխ տվող անցորդները, պղնձե գլխով կավալերգրադը, քաղաքային դամաներն ու թմփլիկ սպիտակ ամպերը։ Ձիերը, պայտերով սալարկը ջարդոտելով, սլացնում էին կառեթը Իպոլիտ Մատվեևիչի կողքով։ Նա հիասթափված շուռ եկավ։

Կառեթն իր վրա կրում էր ՄԿՏ[4] գերբը, ծառայում էր աղբ կրելու համար և նրա տախտակե պատերը ոչինչ չէին անդրադարձնում։

Նստիքին նստել էր արիատես մի ծերուկ՝ ալեհեր մորուքով։ Եթե Իպոլիտ Մատվեևիչն իմանար, որ կառապանը ոչ այլ ոք է, քան կոմս Ալեքսեյ Բուլանովը, նշանավոր մենակյաց հուսարը, հավանորեն կանչեր ծերուկին, որպեսզի խոսեր նրա հետ անցած֊գնացած հրաշալի ժամանակների մասին։

Կոմս Ալեքսեյ Բուլանովը սաստիկ մտահոգված էր։ Մտրակելով ձիերին, նա տխուր մտորում էր աղբահանության ենթաբաժինը կրծող բյուրոկրատիզմի մասին, որի պատճառով ահա կես տարի է՝ ինչ չէին տալիս գլխպայմանագրով սահմանված արտագոգնոցը։

― Լսեցե՛ք, ― հանկարծ ասաց մեծ կոմբինատորը, ― ինչպե՞ս էին կանչում ձեզ մանկության օրերին։

― Ձեր ինչի՞ն է պետք։

― Հենց այնպես։ Չգիտեմ, թե ինչպես ձեզ կանչեմ։ Զահլես գնաց ձեզ Վորոբյանինով կանչելուց, իսկ Իպոլիտ Մատվեևիչը շատ թթու է։ Ի՞պա։

― Կիսա, ― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը քմծիծաղ տալով։

― Հանճարեղ է։ Ուրեմն, ահա թե ինչ, Կիսա, նայեցեք, խնդրեմ, ի՞նչ կա մեջքիս վրա։ Թիակներիս արանքում ցավում է։

Օստապը գլխի վրայով դուրս քաշեց «Կովբոյ» վերնաշապիկը։ Կիսա Վորոբյանինովի առջև բացվեց գավառական Անթինոյի ընդարձակ, հրապուրիչ ձևի, բայց փոքր֊ինչ կեղտոտ մեջքը։

― Օհո, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, ինչ֊որ կարմրություն կա։

Մեծ կոմբինատորի թիակների արանքում կապտակարմրին էին տալիս և նավթային ծիածանի գույներով շողշողում տարօրինակ ուրվագծերով կապտոցներ։

― Ազնիվ խոսք, ութ թիվը, ― բացականչեց Վորոբյանինովը։ ― Առաջին անգամ եմ տեսնում այսպիսի կապտոց։

― Իսկ ուրիշ թիվ չկա՞, ― հանգիստ հարցրեց Օստապը։

― Ասես Р տառ լինի։

― Այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։ Անիծվա՛ծ գրչակոթ։ Տեսնում եք, Կիսա, ինչպես եմ տառապում, ինչպիսի վտանգների եմ ենթարկվում ձեր աթոռների երեսից։ Թվաբանական այդ նշաններն ինձ հասցրել է ինքնաընկնող մեծ գրչակոթը՝ ութսունվեց համարի գրչածայրով։ Պետք է նկատի ունենաք, որ անիծված գրչակոթը ընկավ մեջքիս հենց այն րոպեին, երբ ես ձեռքերս սուզել էի խմբագրի աթոռի խորքերը։ Իսկ դուք հո մի կարգին բան չեք կարող։ Ո՞վ փչացրեց Իզնուրենկովի աթոռն այնպես, որ հետո ես ստիպված եղա ձեր փոխարեն տուժել։ Էլ չեմ ասում աճուրդի մասին։ Ժամանակ գտաք շնություն անելու։ Ձեր տարիքում շնությունը պարզապես վտանգավոր է։ Պահպանեցեք ձեր առողջությունը․․․ Իմ բանն ուրիշ է։ Իմ հաշվումն է այրու աթոռը։ Իմ հաշվումն են շչուկինյան երկու աթոռները։ Իզնուրենկովի աթոռը վերջին հաշվով ես արեցի։ Խմբագրություն և Լյապիսի մոտ ես գնացի։ Եվ միակ մի աթոռը դուք հասցրիք մինչև հաղթական վախճան, այն էլ մեր սրբազան թշնամու՝ արքեպիսկոպոսի օգնությամբ։

Սենյակում բոբիկ ոտքերով անաղմուկ քայլելով, տեխնիկական դիրեկտորը խելք էր հասկացնում խոնարհ Կիսային։

Հոկտերմբերյան կայարանի ապրանքային բակում անհետացած աթոռը առաջվա պես մութ բիծ էր մնում կոնցեսիոն աշխատանքների շողշողուն պլանում։ Կոլումբի թատրոնի չորս աթոռները հաստատ որս էին։ Բայց թատրոնը «Սկրյաբին» տիրաժային շոգենավով մեկնելու էր Վոլգայով և այսօր որպես սեզոնի վերջին ներկայացում ցույց էր տալիս «Ամուսնություն» պրեմիերան։ Պետք էր որոշել մնա՞լ արդյոք Մոսկվայում փնտրելու Կալանչևյան հրապարակի ընդարձակություններում կորսված աթոռը, թե՝ խմբի հետ մեկնել գաստրոլային տուրնիրի։ Օստապը հակված էր վերջինին։

― Բայց գուցե և բաժանվե՞նք, ― հարցրեց Օստապը։ ― Ես գնամ թատրոնի հետ, իսկ դուք մնացեք և հետևեցեք ապրանքային բակի աթոռին։

Բայց Կիսան այնպես վախվխելով թարթեց ճերմակած թերթերունքները, որ Օստապը չշարունակեց։

― Երկու նապաստակներից, ― ասաց նա, ― ընտրում են ամենաչաղը։ Գնանք միասին։ Բայց ծախսերը մեծ կլինեն։ Փողի կարիք կզգանք։ Ինձ մոտ մնացել է վաթսուն ռուբլի։ Ձեզ մո՞տ որքան։ Ա՜խ, ես մոռացել էի։ Ձեր տարիքում կուսական սերը շատ թանկ է նստում։ Որոշում եմ․ այսօր մենք գնում ենք թատրոն՝ «Ամուսնության» պրեմիերային։ Չմոռանաք ֆրակ հագնել։ Եթե աթոռները դեռ տեղումն են և չեն ծախել սոցապահովագրման պարտքերի դիմաց, վաղը ևեթ մենք մեկնում ենք։ Հիշեցե՛ք, Վորոբյանինով։ Մի՛ շնչեք, իմ վաղեմի բարեկամ։ Հավասարություն վերցրեք ռամպային։ Օ՜, իմ ջահելություն։ Օ՜, կուլիսների հոտ։ Որչափ հիշողություննե՜ր։ Որքա՜ն ինտրիգներ։ Որքա՜ն տաղանդ եմ ցուցաբերել իր ժամանակին Համլետի դերում։ Մի խոսքով, նիստը շարունակվում է։

Տնտեսելու համար թատրոն գնացին ոտքով։ Դեռ բոլորովին լույս էր, բայց լապտերներն արդեն շողշողում էին լիմոնի լույսով։ Ամենքի աչքերի առջև կործանվում էր գարունը։ Փոշին քշում էր նրան հրապարակներից, տաք քամին մղում էր նրան նրբանցքները։ Այնտեղ պառավները գուրգուրում էին գեղեցկուհուն և բակերում, կլոր սեղանների շուրջը նստած, թեյ էին խմում նրա հետ։ Բայց գարնան կյանքն արդեն վերջացել էր՝ նրան էլ մարդկանց չէին թողնում։ Իսկ նա շատ էր ուզում լինել Պուշկինի հուշարձանի մոտ, որտեղ արդեն զբոսնում էին ջահելները՝ չալպտուրիկ կեպկաներով, դուդուկանման շալվարներով, «շան ուրախություն» փողկապներով և «ջիմմի» կոշիկներով։

Բաց մանուշակագույն պուդրա քսած աղջիկները անցուդարձ էին անում ՄՍՊՕ֊ի[5] տաճարի և «Կոմունար» կոոպերատիվի (նախկին Ֆիլիպովի և նախկին Ելիսեևի) միջև։ Աղջիկները պարզորոշ հայհոյում էին։ Այդ ժամին անցորդները դանդաղեցնում էին քայլերը, բայց ոչ նրա համար միայն, որ Տվերսկայա փողոցում նեղվածք էր։ Մոսկվայի ձիերը Ստարգորոդի ձիերից լավ չէին․ նրանք ևս սմբակներով դիտմամբ թխկթխկացնում էին փայտաղյուսե սալարկին։ Հեծանվորդները անաղմուկ թռչում էին «Պատանի պիոներների» ստադիոնից, առաջին միջազգային մրցումից։ Պաղպաղակավաճառը գլորում էր իր կանաչ սնդուկը՝ մաիսյան ամպրոպ առաջացնելով և վախից խեթ֊խեթ միլիցիոներներին նայելով։ Բայց փողոցային շարժումը կարգավորող լուսավոր սեմաֆորով կաշկանդված միլիցիոները վտանգավոր չէր։

Այդ ամբողջ իրարանցման մեջ շարժվում էին երկու բարեկամները։ Յուրաքանչյուր քայլափոխում գայթակղվելու բան կար։ Փոքրիկ թավաների մեջ, ի տես ամբողջ փողոցի, խորովում էին Կարսի, Կովկասի և սուկիի խորովածներ։ Տաք ու թափանցող ծուխը պայծառ երկինք էր բարձրանում։ Գարեջրատներից, ռեստորաններից և «Մեծ համր» կինոյից լարային երաժշտություն էր լսվում։ Տրամվայի կանգառի մոտ իրեն կտրատում էր բարձրախոսը։

Պետք է շտապել։ Բարեկամները մտան «Կոլումբ» թատրոնի ուժեղ արձագանքող նախասրահը։

Վորոբյանինովը նետվեց դեպի դրամարկղը և կարդաց տեղերի գները։

― Այնուամենայնիվ, ― ասաց նա, ― շատ թանկ է։ Տասնվեցերորդ կարգը՝ երեք ռուբլի։

― Ո՜նց չեմ սիրում, ― նկատեց Օստապը, ― այս քաղքենիներին, գավառական ցանցառներին։ Ո՞ւր եք խցկվում։ Մի՞թե չեք տեսնում, որ դա դրամարկղ է։

― Բա էլ ո՞ւր գնանք։ Չէ՞ որ առանց տոմսի չեն թողնի։

― Կի՛սա, դուք տափակ մարդ եք։ Յուրաքանչյուր բարեկարգ թատրոնում երկու պատուհան կա։ Դրամարկղի պատուհանին դիմում են միայն սիրահարվածները և հարուստ ժառանգները։ Մնացած քաղաքացիները (դրանք, ինչպես տեսնում եք, ճնշող մեծամասնությունն են) անմիջականորեն դիմում են ադմինիստրատորի պատուհանին։

Եվ իրոք, դրամարկղի պատուհանի առջև մի հինգ հոգի համեստ մարդիկ էին կանգնած։ Հնարավոր է, որ դրանք հարուստ ժառանգներ կամ սիրահարվածներ էին։ Մինչդեռ ադմինիստրատորի պատուհանի մոտ աշխուժություն էր տիրում։ Այնտեղ խայտաբղետ հերթ էր։ Երիտասարդ մարդիկ ֆասոնավոր պիջակներով և նույն տարազի շալվարներով, որոնց մասին գավառացին երազել կարող է միայն, վստահորեն թափահարում էին երկտողերը, որ վերցրել էին իրենց ծանոթ ռեժիսորներից, արտիստներից, խմբագրություններից, թատրոնական դերձակից, շրջանային միլիցիայի պետից և թատրոնի հետ սերտորեն կապված այլ անձնավորություններից, ինչպես օրինակ, թատ ― և կինոքննադատների ասոցիացիայի անդամներից, «Թշվառ մայրերի արցունքներ» ընկերության անդամներից, «Կրկեսյան արվեստի արհեստանոցի» դպրոցական խորհրդից, և ինչ֊որ «Ումսլոպոգասին կիդ ֆորտինբրասից»։ Մի ութը մարդ կանգնած էր Էսպեր Էկլերովիչի գրություններով։

Օստապը խուժեց հերթի մեջ, հրեց ֆորտինսբրասցիներին և բղավելով՝ «Ինձ միայն մի տեղեկանք է պետք, չե՞ք տեսնում, որ ես նույնիսկ կրկնակոշիկներս չեմ հանել», մոտեցավ պատուհանին և նայեց ներս։

Ադմինիստրատորը քափուքրտինքի մեջ կորած աշխատում էր բեռնակրի պես։ Ադամանդե զուլալ քրտինքը ողողում էր նրա չաղ դեմքը։ Հեռախոսը ամեն րոպե անհանգստացնում էր նրան և զանգահարում Սմոլենսկի շուկայով անցնող տրամվայի վագոնի համառությամբ։

― Շո՛ւտ, ― բղավեց նա Օստապին, ― ձեր թուղթը։

― Երկու տեղ, ― կամացուկ ասաց Օստապը, ― պարտերում։

― Ո՞ւմ։

― Ինձ։

― Իսկ դուք ո՞վ եք, որ ձեզ տեղ տամ։

― Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք ինձ ճանաչում եք։

― Չեմ ճանաչում։

― Բայց անծանոթի հայացքն այնքան ջինջ էր, այնքան վճիտ, որ ադմինիստրատորի ձեռքն ինքը երկու տեղ հատկացրեց Օստապին տասնմեկերորդ կարգում։

― Տեղից վեր կացողն ուզում է, ― ասաց ադմինիստրատորը, ուսերը թոթվելով, ― ով գիտե, ովքե՞ր են դրանք։ Միգուցե Լուսժողկոմատի՞ց էր։ Կարծես ես նրան տեսել եմ Լուսժողկոմատում։ Որտե՞ղ եմ տեսել դրան։

Եվ, մեքենայորեն անցաթղթեր տալով երջանիկ թատ֊կինոքննադատներին, մեղմացած Յակով Մենելաևիչը շարունակում էր մտաբերել, թե որտեղ էր տեսել այդ վճիտ աչքերը։

Երբ բոլոր անցաթղթերը տրվեցին և ճեմասրահում լույսը պակասեցրեցին, Յակով Մենելաևիչը հիշեց․ այդ վճիտ աչքերը, այդ վստահ հայացքը նա տեսել էր Տագանկայի բանտում 1922 թվականին, երբ ինքն էլ մի դատարկ պատճառով նստել էր այնտեղ։

Տասնմեկերորդ կարգում, ուր նստել էին կոնցեսիոներները, ծիծաղ լսվեց։ Օստապին դուր եկավ երաժշտական նախերգանքը, որ նվագախմբի մասնակիցները կատարեցին Էսմարխի շշերի, գավաթների վրա, սակսոֆոններով և զինվորական մեծ թմբուկներով։ Ֆլեյտան սուլեց և վարագույրը, զովություն սփռելով, բացվեց։

Ի զարմանս Վորոբյանինովի, որը սովոր էր «Ամուսնության» դասական մեկնաբանմանը, Պոդկոլյոսինը բեմում չէր։ Աչքերը դես ու դեն գցելով, Իպոլիտ Մատվեևիչը տեսավ առաստաղից կախված ֆաներե ուղղանկյունիներ՝ ծիածանի հիմնական գույներով ներկված։ Ոչ դռներ կային, ոչ կապտավուն շղարշյա պատուհաններ։ Գույնզգույն ուղղակնկյունների տակ պարում էին դամաներ՝ սև կարտոնից կրտած մեծ շլյապաներով։ Շշերի զրնգոցը բեմ կանչեց Պոդկոլյոսինին, որը բազմության մեջ խուժեց Ստեփանին հեծած։ Պոդկոլյոսինը հագին ուներ սենեկապետի մունդիր։ Ցրելով դամաներին պիեսի մեջ չեղած խոսքերով, Պոդկոլյոսինը զիլ ձանով կանչեց․

― Ստեփա՜֊ան։

Դրա հետ մեկտեղ նա թռավ մի կողմ և քարացավ դժվարին կեցվածքով։ Էսմարխի գավաթները թնդացին։

― Ստեփա՜֊ան, ― կրկնեց Պոդկոլյոսինը, նոր թռիչք կատարելով։

Բայց քանի որ հենց այդտեղ կանգնած և հովազամորթի հագած Ստեփանը չէր արձագանքում, Պոդկոլյոսինը ողբերգական տոնով հարցրեց։

― Ինչո՞ւ ես լռում, Ազգերի լիգայի պես։

― Ըստ երևույթին, Չեմբերլենից եմ վախեցել, ― պատասխանեց Ստեփանը, մորթին քորելով։

Զգացվում էր, որ Ստեփանը ետ է մղելու Պոդկոլյոսինին և դառնալու է արդիականացրած պիեսի գլխավոր գործող անձը։

― Հը, դերձակը կարո՞ւմ է սյուրտուկը։

Թռիչք։ Հարված էսմարխի գավաթներին։ Ստեփանը դժվարությամբ կանգնեց ձեռքերի վրա և այդ վիճակում պատասխանեց․

― Կարում է։

Նվագախումբը պոպուրի նվագեց «Չիո֊չիո֊սան»֊ից։ Բոլոր այդ ժամանակամիջոցում Ստեփանը կանգնած էր ձեռքերի վրա։ Նրա դեմքը արյունով էր լցվել։

― Իսկ ինչ է, ― հարցրեց Պոդկոլյոսինը, ― դերձակը չհարցրե՞ց արդյոք, թե աղաիդ ինչին է պետք այս լավ մահուդը։

― Ստեփանը, որ այդ պահին նստել էր արդեն նվագախմբի մեջ և գրկել էր դիրիժյորին, պատասխանեց․

― Չէ, չհարցրեց։ Բա մի՞թե նա անգլիական պառլամենտի դեպուտատ է։

― Իսկ դերձակը չհարցրե՞ց, թե քա աղան հո չի՞ ուզում ամուսնանալ։

― Դերձակը հարցնում էր, թե քո աղան հո չի ուզում ալիմենտ վճարել։

Դրանից հետո լույսը հանգավ, և հասարակությունը ոտքերով դոփեց։ Դոփեց այնքան, մինչև որ բեմից լսվեց Պոդկոլյոսինի ձայնը։

― Քաղաքացինե՛ր։ Մի՛ հուզվեք։ Լույսը դիտմամբ մարեցին, գործողության ընթացքին համապատասխան։ Դա է պահանջում իրեղեն ձևավորումը։

Հասարակությունը հնազանդվեց։ Լույսը այնպես էլ մինչև գործողության վերջը չվառվեց։ Կատարյալ խավարի մեջ թնդում էին թմբուկները։ Լապտերներով անցավ զինվորական մի ջոկատ՝ հյուրանոցային շվեյցարների համազգեստով։ Հետո, ինչպես երևում է՝ ուղտի վրա նստած եկավ Կոչկարյովը։ Այդ մասին կարելի էր դատել հետևյալ դիալոգից․

― Ֆո՛ւ, ինչպես վախեցրիր ինձ։ Դեռ հալա ուղտով էլ եկել ես։

― Ախ, դու նկատեցի՞ր, չնայած մթությանը։ Իսկ ես քեզ ուզում էի սյուրպրիզ մատուցել։

Ընդմիջումին կոնցեսիոներները կարդացին հետևյալ աֆիշան․

Ամուսնություն

Տեքստը Գոգոլի

Բանաստեղծությունները ― Մ․ Շերշելյաֆամովի

Գրական մոնտաժը ― Ի․ Ամտիոխիյսկու

Երաժշտական նվագակցումը ― Խ․ Իվանովի

Իրեղեն ձևավորումը ― Սիմբիևիչ֊Սինդիևիչ։ Լույսը ― Պլատոն Պլաշչուկի։ Հնչյունային ձևավորում ― Գալկինի, Պալկինի, Մալկինի, Չալկինի և Զալկինդի։ Գրիմը ― ԿՌՈՒԼՏԻ արհեստանոցի։ Կեղծամները ― Ֆոմա Կոչուորի։ Կահույք ― Բալտազարի անվան Ումսլոպոդասին կից Ֆորտինբրասի փայտեղենի արհեստանոցի։ Ակրոբատիկայի հրահանգիչ ― Ժորժետտա Տիրասպոլսկիխ։ Հիդրավլիկ մամուլ֊ղեկավարությամբ մոնտյոր Մեչնիկովի։

Աֆիշան շարված, կապված և տպված է
ԿՌՈՒԼՏ ՖԶՈՒ֊ի դպրոցում։

― Հավանո՞ւմ եք, ― վախվխելով հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Իսկ դո՞ւք։

― Շատ հետաքրքիր է, միայն թե Ստեփանը մի տեսակ տարօրինակ է։

― Իսկ ես չհավանեցի, ― ասաց Օստապը, ― մանավանդ այն, որ նրանց կահույքը ինչ֊որ Վոգոպասի արհեստանոցից է։ Արդյոք մեր աթոռները չե՞ն հարմարեցրել նոր ձևի։

Բայց զուր տեղն էին վախենում։ Երկրորդ գործողության հենց սկզբին ցիլինդրավոր նեգրերը բոլոր չորս աթոռներն էլ դուրս բերեցին։

Խնամախոսության տեսարանը ամենամեծ հետաքրքրությունն առաջացրեց հանդիսականների մեջ։ Այն րոպեին, երբ ամբողջ դահլիճով մեկ ձգված լարի վրայով սկսեց իջնել Ագաֆյա Տիխոնովնան, Խ․ Իվանովի ահավոր նվագախումբը այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ հենց միակ այդ բանից Ագաֆյա Տիխոնովնան պետք է վայր ընկներ հանդիսականների մեջ։ Սակայն Ագաֆյան հիանալի էր պահում իրեն բեմի վրա։ Նա մարմնագույն տրիկոյով էր և տղամարդու կոտելոկով։ Հավասարակշռություն պահպանելով կանաչ հովանոցով, որի վրա գրված էր՝ «Ես ուզում եմ Պոդկոլյոսինին», նա քայլում էր լարի վրայով, և ներքևից բոլորը տեսնում էին նրա կեղտոտ ներբանները։ Լարի վրայից նա թռավ ուղիղ աթոռին։ Դրա հետ միաժամանակ նեգրերը, Պոդկոլյոսինը, բալետային զգեստով Կոչկարյովը և վագոնավարի զգեստով խնամախոսուհին հետադարձ սալտո կատարեցին։ Այնուհետև բոլորը մի հինգ րոպե հանգստացան, և այդ բանը թաքցնելու համար նորից լույսը մարեցին։

Փեսացուները շատ ծիծաղելի էին, մանավանդ Յաիչնիցան։ Նրա փոխարեն բեմ դուրս բերին թավայի մեջ պատրաստած մեծ ձվածեղ։ Ծովայինի վրա առագաստով կայմ կար։

Վաճառական Ստարիկովը զուր էր բղավում, թե իրեն խեղդում են պատենտն ու հասարակական հարկը։ Ագաֆյա Տիխոնովնան չհավանեց նրան։ Նա ամուսնացավ Ստեփանի հետ։ Երկուսով սկսեցին խպշտել ձվածեղը, որը նրանց մատուցեց լաքեյ Պոդկոլյոսինը։ Կոչկարյովն ու Ֆյոկլան կուպլետներ երգեցին Չեմբերլենի և այն ալիմենտի մասին, որ բրիտանական մինիստրը գանձում է Գերմանիայից։ Էսմարխի գավաթների վրա հրաժեշտի երգ նվագեցին։ Եվ վարագույրը զովություն սփռելով փակվեց։

― Ես գոհ եմ ներկայացումից, ― ասաց Օստապը, ― աթոռներն անվնաս են։ Բայց հապաղելու հարկ չկա։ Եթե Ագաֆյա Տիխոնովնան ամեն օր նրանց վրա դրմփա, ապա նրանք երկար չեն ապրի։

Ֆասոնե պիջակներով երիտասարները, հրմշտելով և ծիծաղելով, խորամուխ էին լինում իրեղեն և հնչյունային ձևավորումների նրբության մեջ։

― Դե, ― ասաց Օստապը, ― Կիսոչկա, ձեր նանիկ անելու ժամանակն է։ Վաղը առավոտվանից պետք է կանգնել տոմս գնելու։ Թատրոնը երեկոյան ժամը յոթին ճեպընթացով մեկնում է Նիժնի։ Այնպես որ դուք երկու նստելու կոշտ տեղի տոմս վերցրեք մինչև Նիժնի։ Մեծ բան չէ՝ կնստենք։ Ընդամենը մի գիշեր է։

Հետևյալ օրը Կոլումբի ողջ թատրոնը նստել էր Կուրսկի կայարանի բուֆետում։ Սիմբիևիչ֊Սինդիևիչը, միջոցներ ձեռք առնելով, որպեսզի իրեղեն ձևավորումը ուղարկվեր հենց նույն գնացքով, սեղանիկի մոտ նստած նախաճաշում էր։ Բեղերը գարեջրի մեջ թրջելով, նա տագնապալից հարցնում էր մոնտյորին․

― Ինչ է, հիդրավլիկ մամուլը չե՞ն կոտրի ճանապարհին։

― Խաթա դարձավ էդ մամուլը, ― պատասխանեց Մեչնիկովը, ― մեզ համար աշխատում է հինգ րոպե, իսկ ամբողջ ամառը ստիպված ենք դեսուդեն քարշ տալ։

― Իսկ «Գաղափարախոսության դեղափոշին» պիեսի «Ժամանակների լուսարձակի» բանը հե՞շտ էր քեզ համար։

― Իհարկե, հեշտ էր։ Լուսարձակը թեպետ մեծ էր, բայց դրա պես շուտ կոտրատվող չէր։

Հարևան սեղանի մոտ նստել էր Ագաֆյա Տիխոնովնան, մատաղահաս մի աղջիկ՝ կեգլիի պես հաստ ու փայլուն ոտքերով։ Նրա շուրջը իրար էր անցել հնչյունային ձևավորումը՝ Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը։

― Երեք դուք ինձ համաքայլ չէիք նվագում, ― գանգատվում էր Ագաֆյա Տիխոնովնան, ― այդպես ես կարող եմ վայր ընկնել։

Հնչյունային ձևավորումը աղմկել սկսեց․

― Ինչ արած։ Երկու գավաթ ճաքեց։

― Հիմա մի՞թե կճարվի արտասահմանյան Էսմարխի գավաթից, ― բղավում էր Գալկինը։

― Մտեք Պետբուժառ։ Ոչ թե Էսմարխի գավաթ, ջերմաչափ անգամ չի կարելի գնել, ― պաշտպանեց Պալկինը։

― Իսկ դուք ջերմաչափի վրա է՞լ եք նվագում, ― սարսափեց աղջիկը։

― Ջերմաչափի վրա չենք նվագում, ― նկատեց Զալկինդը, ― բայց էդ անիծված գավաթների երեսից մարդ ուղղակի կհիվանդանա և ստիպված կլինի տաքությունը չափել։

Ներկայացման հեղինակ և գլխավոր ռեժիսյոր Նիկ․ Սեստրինը կնոջ հետ զբոսում էր կառամատույցում։ Պոդկոլյոսինն ու Կոչկարյովը երեքական ընպանակ կոնծելուց հետո սիրաբանում էին Ժորժետտա Տիրասպոլսկիխի հետ։

Գնացքի մեկնումից երկու ժամ առաջ կայարան եկած կոնցեսիոներները արդեն հինգերորդ ռեյսն էին կատարում կայանամերձ պուրակի շուրջը։

Իպոլիտ Մատվեևիչի գլուխը պտտվում էր։ Աթոռների հետապնդումը մտնում էր իր վճռական ստադիայի մեջ։ Շիկացած սալահատակի վրա երկարավուն ստվերներ էին ընկել։ Փոշին նստում էր թաց, քրտնած դեմքերին։ Մոտենում էին կառքերը։ Բենզինի հոտ էր փչում։ Վարձու մեքենաները ուղևորներ էին իջեցնում։ Նրանց ընդառաջ էին վազում Երմակ Տիմոֆեևիչները, տանում էին ճամպրուկները և նրանց ձվաձև վահանակները պսպղում էին արևի տակ։ Հեռավոր ուղևորությունների մուսան բռնել էր մարդկանց կոկորդից։

― Դե, մենք էլ գնանք, ― ասաց Օստապը։

Իպոլիտ Մատվեևիչը հնազանդորեն համաձայնեց։ Այդ պահին նա երես առ երես բախվեց դագաղագործ Բեզենչուկի հետ։

― Բեզենչո՛ւկ, ― ասաց նա ծայր աստիճանի զարմացած։ ― Դու ո՞ց ընկար այստեղ։

Բեզենչուկը հանեց գլխարկը և ուրախությունից քարացավ։

― Պարոն Վորոբյա՛նինով, ― բղավեց նա։ ― Հարգա՛նք թանկագին հյուրին։

― Հը, ինչպե՞ս են գործերդ։

― Վատ են գործերը, ― պատասխանեց դագաղագործը։

― Ինչո՞ւ այդպես։

― Մուշտարի եմ փնտրում։ Մուշտարի չկա։

― «Հավերժահարսը» խլո՞ւմ է։

― Էդ էր պակաս։ Բա նա կարո՞ղ է ինձանից բան խլել։ Դեպքեր չկան։ Ձեր զոքանչից հետո միայն «Պյեոն ու Կոնսատանտինը» քոչեց։

― Ինչեր ես ասում։ Մի՞թե մեռել է։

― Քոչեց, Իպոլիտ Մատվեևիչ։ Իր պոստի վրա քոչեց։ Մեր դագաղագործ Լեոպոլդին էր թրաշում և քոչեց։ Մարդիկ ասում էին՝ ներսում պայթյուն է ունեցել, իսկ ես կարծում եմ, որ հանգուցյալը էդ դեղագործի դեղերի հոտն է շնչել ու չի դիմացել։

― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― քրթմնջաց Իպոլիտ Մատվեևիչը, ― ա՛յ֊ա՛յ֊ա՛յ։ Է, ուրեմն, հենց դու էլ թաղեցի՞ր նրան։

― Ես էլ թաղեցի։ Բա էլ ո՞վ։ «Հավերժահա՞րսը», նրա հերն էլ անիծած․ ծոպ տվո՞ղ է։

― Զոռեցի՞ր, ուրեմն։

― Զոռեցի։ Բայց հետո ինձ ծեծեցին։ Քիչ մնաց սիրտս տեղից պոկեին։ Միլիցիան խլեց ձեռքերից։ Երկու օր պառկած էի, սպիրտով էի բուժվում։

― Տրորո՞ւմ էիր։

― Մենք տրորելու բան չունենք։

― Իսկ այստեղ ինչո՞ւ ես եկել։

― Ապրանք եմ բերել։

― Ի՞նչ ապրանք։

― Իմ ապրնքը։ Ծանոթ ուղեկցողն օգնեց ձրի բերեցի փոստային վագոնով։ Ծանոթությամբ։

Իպոլիտ Մատվեևիչը հիմա միայն նկատեց, որ Բեզենչուկից քիչ հեռու գետնի վրա դարսված էին դագաղներ։ Դրանցից մեկը՝ Իպոլիտ Մատվեևիչը անմիջապես ճանաչեց։ Դա կաղնե մեծ ու փոշոտ դագաղ էր՝ Բեզենչուկի ցուցափեղկից հանած։

― Ութ հատ, ― ասաց Բեզենչուկը ինքնագոհությամբ, ― մեկը մեկից լավ։ Ոնց որ մատղաշ վարունգ։

― Իսկ այստեղ ո՞ւմն է պետք քո ապրանքը։ Այստեղ իրենց վարպետները հերիք են։

― Բա գրի՞բը։

― Ի՞նչ գրիբ։

― Համաճարակը։ Պրուսիսն ասաց, թե Մոսկվայում գրիբը խիստ տարածվել է, թե մարդկանց չգիտեն ինչով թաղեն։ Եղած֊չեղածը վերջացել է։ Ես էլ որոշեցի գործերս դզել։

Օստապը, որ հետաքրքրությամբ լսել էր այդ ամբողջ խոսակցությունը, մեջ մտավ։

― Լսի՛ր պապաշա, էդ Փարիզումն է գրիպը խիստ տարածվել։

― Փարիզո՞ւմ։

― Հա, հա։ Գնա Փարիզ։ Էնտեղ կսաղացնես։ Ճիշտ է, վիզայի հետ կապված որոշ դժվարություններ կլինեն, բայց դու, պապաշա, մի տխրի։ Թե Բրիանը քեզ սիրեց, հիանալի կապրես, պալատական դագաղագործ կլինես Փարիզի մունիցիպալիտետում։ Իսկ այստեղ մեր դագաղագործներն էլ հերիք են։

Բեզենչուլը շշմած նայեց չորս կողմը։ Իսկապես, հրապարակի վրա, չնայած Պրուսիսի հավաստիացումներին, մեռելներ չէին թափված, մարդիկ կայտառ կանգնել էին ուտքի վրա, և նրանցից մի քանիսը նույնիսկ ծիծաղում էին։

Գնացքը վաղուց արդեն տարել էր և՛ կոնցեսիոներներին, և՛ Կոլումբի թատրոնին և մնացած ժողովրդին, իսկ Բեզենչուկը դեռ շշմած կանգնել էր իր դագաղների գլխին։ Վերահաս մթության մեջ նրա աչքերը վառվում էին դեղին, անշեղ կրակով։

Կախարդական գիշեր Վոլգայի վրա

Վոլգայի պետական գետային նավագնացության ուղևորների կառամատույցից ձախ, «Կառանիր օղակից, պահպանիր վանդակը, պատերին մի դիպչիր» մակագրության տակ կանգնել էր մեծ կոմբինատորը իր բարեկամ և ամենամոտ օգնական Կիսա Վորոբյանինովի հետ։

Նավահանգիստների վրա դրոշներ էին ծածանվում։ Ծաղկակաղամբի պես գանգուր ծուխը քուլա֊քուլա բարձրանում էր շոգենավերի ծխնելույզներից։ Բեռնում էին N 2 նավամատույցի մոտ կանգնած «Անտոն Ռուբինշտեյն» շոգենավը։ Բեռնակիրները երկաթյա ճանկերը խրում էին բամբակի հակերի մեջ, նավահանգստում քառանկյունի ձևով դասավորվել էին չուգունե պուտուկներ, թափված էին թաց ու աղած կաշիներ, կապոցներով լարեր, թերթապակիներով լի արկղեր, խուրձ կապելու շպագատի կծիկներ, աղացաքարեր, գյուղատնտեսական երկգույն մեքենաներ, փայտյա եղաններ, թարմ կեռասով լեցուն ճլոպակար զամբյուղներ և սելյոդկայի տակառներ։

«Սկրյաբինը» չկար։ Դա շատ էր անհանգստացնում Իպոլիտ Մատվեևիչին։

― Ի՞նչ եք դարդ անում, ― հարցրեց Օստապը։ ― Պատկերացրեք, թե «Սկրյաբինը» այստեղ է։ Ինչպե՞ս եք նրա վրա ընկնելու։ Եթե նույնիսկ տոմս գնելու փող ունենայինք, էլի ոչինչ դուրս չէր գա։ Այդ շոգենավը ուղևորներ չի վերցնում։

Օստապը դեռ գնացքում կարողացավ զրուցել հիդրոմամուլի վարիչ մոնտյոր Մեչնիկովի հետ և ամեն բան իմանալ նրանից։ «Սկրյաբին» շոգենավը վարձվել էր Ֆինժողկոմատի կողմից և կատարելու էր ռեյս Նիժնիից մինչև Ցարիցին, կանգ առնելով յուրաքանչյուր նավահանգստում և շահող փոխառության խաղարկություններ կատարելով։ Դրա համար Մոսկվայից մեկնում էր մի ամբողջ հիմնարկություն․ խաղարկության հանձնաժողով, գրասենյակ, փողային նվագախումբ, կինոօպերատոր, կենտրոնական թերթերի թղթակիցներ և Կոլումբի թատրոնը։ Ճանապարհին թատրոնը ցույց էր տալու պիեսներ, որոնցով ժողովրդականացվում էր պետփոխառությունների գաղափարը։ Մինչև Ցարիցին թատրոնը լինելու էր խաղարկության հանձնաժողովի լիակատար տնօրինության տակ, իսկ հետո պատրաստվում էր իր ռիսկով և պատասխանատվությամբ գաստրոլային մեծ ուղևորություն կատարել «Ամուսնություն»֊ով՝ Կովկասում և Ղրիմում։

«Սկրյաբինը» ուշանում էր։ Խոստացել էին, թե երեկոյան դեմ միայն կգա գետախորշից, որտեղ վերջին պատրաստություններն էին տեսնում։ Ուստի և Մոսկվայից ժամանած ամբողջ ապարատը, սպասելով բեռնվելուն, բացօթևան էր սարքել նավահանգստում։

Քնքուշ արարածները ճամպրուկներով և պորտպլեդներով նստել էին լարահակերի վրա, պահպանելով իրենց ունդերվուդները, և երկյուղածությամբ նայում էին բեռնակիրներին։ Աղացաքարի վրա տեղավորվել էր մանուշակագույն այծմորուքով մի քաղաքացի։ Նրա ծնկների վրա դրված էր էմալե տախտակիկների մի կապոց։ Հետաքրքրվողը վերևի տախտակին կարող էր կարդալ․

Փոխադարձ հաշիվների բաժին

Պատվանդաններով գրասեղանները և ավելի համեստ սեղանները դարսված էին իրար վրա։ Կնքված անկիզելի պահարանի մոտ անցուդարձ էր անում պահակը։ «Հաստոցի» ներկայացուցիչ Պերսիցկին Ցեյսի ութապատիկ մեծացնող հեռադիտակով նայում էր տոնավաճառի տերիտորիային։

Հոսանքին հակառակ դառնալով, մոտենում էր «Սկրյաբին» շոգենավը։ Նավակողերին նա կրում էր ֆաներե վահաններ հսկա պարտատոմսերի ծիածանագույն նկարներով։ Շոգենավը մռնչաց, նմանեցնելով մամոնտի կամ գուցե ուրիշ մի կենդանու ճիչին, որ նախապատմական ժամանակներում փոխարինել է շոգենավաշչակին։

Ֆինանսա֊թատերական բացօթևանը կենդանացավ։ Քաղաքի վայրէջքներով վազում էին տիրաժային ծառայողները։ Փոշու ամպերի մեջ կորած դեպի շոգենավն էր գլորվում հաստլիկ Պլատոն Պլաշչուկը։ Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը դուրս վազեցին «Լաստ» պանդոկից։ Բեռնակիրները արդեն աշխատում էին կեռերով անկիզելի պահարանի վրա։ Ակրոբատիկայի հրահանգիչ Ժորժետտա Տիրասպոլկիխը մարմնամարզական քայլով վազեց կամրջակով։ Սիմբիևիչ֊Սինդիևիչը, իրեղեն ձևավորման մտահոգություններով լեցուն, ձեռքերը մեկնում էր մերթ դեպի կրեմլյա բարձրունքները, մերթ նավակամրջակի վրա կանգնած նավապետին։ Կինոօպերատորը անցկացրեց իր ապարատը բազմության գլուխներից բարձր պահած և դեռ տեղ չհասած պահանջում էր չորստեղանոց նավասենյակ՝ այնտեղ լաբորատորիա սարքերլու համար։

Ընդհանուր իրարանցման պահին Իպոլիտ Մատվեևիչը մոտեցավ աթոռներին և, գլուխը կորցրած, աթոռներից մեկը այն է հա քաշում էր մի կողմ։

― Թողե՛ք աթոռը, ― գոռաց Բենդերը։ ― Խելքներդ թռցրե՞լ եք, ինչ է։ Մի աթոռ վերցնենք, մյուսները ընդմիշտ կկորչեն մեզ համար։ Լավ կլիներ մտածեինք, թե ինչպես ընկնենք շոգենավ։

Նավամատույցով անցան պղնձե շեփորներով գոտևորված նվագողները։ Նրանք զզվանքով էին նայում սակսոֆոնների, ֆլեկսոտոնների, Էսմարխի գարեջրաշշերի և գավաթների վրա, որով զինված էր հնչյունային ձևավորումը։

Խաղարկման անիվները բերեցին Ֆորդի ֆուրգոնչիկով։ Դա մի բարդ կոնստրուկցիա էր, բաղկացած պտտվող վեց գլաններից, որոնք փայլում էին պղնձով և ապակիով։ Նրա տեղադրումը ներքևի տախտակամածում շատ ժամանակ խլեց։

Դոփդոփյունը և լեզվակռիվը տևեց մինչև ուշ երեկո։

Խաղարկության դահլիճում բեմ էին սարքում, պատերին փակցնում էին պլակատներ ու լոզունգներ, փայտյա նստարաններ էին շարում այցելուների համար և էլեկտրալարերը միացնում խաղարկման անիվներին։ Գրասեղանները դասավորեցին նավախելում, իսկ մեքենագրուհիների նավասենյակից ծիծաղի հետ մեջընդմեջ լսվում էր գրամեքենաների չխկչխկոց։ Մանիշակագույն այծմորուքով գունատ մարդը անցնում էր շոգենավով և համապատասխան դռներին փակցնում էր էմալապատ տախտակները․

Փոխադարձ հաշիվների բաժին
Անձնական սեղան
Ընդհանուր գրասենյակ

Այծմորուքով մարդը մեծ տախտակների կողքին կպցնում էր և ավելի փոքր տախտակներ։

Առանց գործի չմտնել
Ընդունելություն չկա
Կողմնակի անձանց մուտքը արգելվում է
Բոլոր տեղեկանքները մատենավարությունում

Առաջին կարգի սալոնը հատկացված էր դրամանիշների և բոների ցուցահանդեսին։ Այդ բանը վրդովմունքի պոռթկում առաջացրեց Գալկինի, Պալկինի, Մալկինի, Չալկինի և Զալկինդի մոտ։

― Բա մենք որտե՞ղ ենք ճաշելու, ― հուզվում էին նրանք։ ― Իսկ եթե անձրև գա՞։

― Օ՛յ, ― ասաց Նիկ․ Սեստրինը իր օգնականին, ― չեմ կարող․․․ Ինչ ես կարծում։ Սեյոժա, մենք չե՞նք կարող յոլա գնալ առանց հնչյունային ձևավորման։

― Ի՜նչ եք ասում, Նիկոլայ Կոնստանտինովիչ։ Արտիստները ընտելացել են ռիթմին։

Նորից աղմուկ բարձրացավ։ Հնգյակը հոտ էր առել, որ ներկայացման հեղինակը բոլոր չորս աթոռն էլ քարշ է տվել իր նավասենյակը։

― Այդպես, այդպես, ― հեգնանքով ասում էր հնգյակը։ ― Մենք փորձեր ենք անելու մահճակալների վրա նստած, իսկ չորս աթոռների վրա նստելու է Նիկոլայ Կոնստանտինովիչը իր կնոջ՝ Գուստայի հետ, որ ոչ մի առնչություն չունի մեր կոլեկտիվի հետ։ Գուցե մե՞նք էլ ճամփորդելիս կուզենանք մեր կանանց հետ լինել։

Ափից չարությամբ խաղարկման շոգենավի վրա էր նայում մեծ կոմբինատորը։

Կանչերի նոր պոռթկումը հասավ կոնցեսիոներների ականջին։

― Ինչո՞ւ ինձ շուտ չասացիք, ― բղավում էր հանձնաժողովի անդամը։

― Որտեղի՞ց իմանայի, որ նա հիվանդանալու է։

― Սատանան գիտե՝ թե ինչ բան է սա։ Այդ դեպքում գնացեք Գեղաշխ և պահանջեցեք, որ շտապ մեզ համար նկարիչներ ուղարկեն։

― Ո՞ւր գնամ, հիմա ժամը վեցն է։ Գեղաշխը վաղուց փակ է։ Շոգենավն էլ կես ժամից մեկնելու է։

― Այդ դեպքում ինքներդ կնկարեք։ Որ ձեր վրա եք վերցնում շոգենավի զարդարման պատասխանատվությունը, բարի եղեք գլուխ հանելու, ինչպես ուզում եք։

Օստապն արդեն վազում էր կամրջակով, արմունկներով դես ու դեն հրելով բեռնակիրներին, օրիորդներին և պարզապես հետաքրքրվողներին։ Մուտքի մոտ նրան բռնեցին։

― Անցաթո՛ւղթ։

― Ընկեր, ― գոռաց Բենդերը։ ― Դո՛ւք, դո՛ւք։ Հաստլի՛կ։ Որին նկարիչ է պետք։

Հինգ րոպե անց մեծ կոմբինատորը նստել էր լողացող խաղարկության հաստլիկ տնտեսվարի սպիտակ նավասենյակում և համաձայնության էր գալիս աշխատանքի պայմանների վերաբերյալ։

― Ուրեմն, ընկեր, ― ասում էր հաստլիկը, ― ձեզանից պահանջուն ենք հետևյալը․ գեղարվեստական պլակատների, մակագրությունների կատարում և տրանսպարանտի ավարտումը։ Մեր նկարիչը սկսեց այն և հիվանդացավ։ Մենք նրան թողեցինք այստեղ հիվանդանոցում։ Եվ, իհարկե, գեղարվեստական մասի վրա ընդհանուր հսկողություն։ Կարո՞ղ եք հանձն առնել այս ամենը։ Ընդ որում նախազգուշացնում եմ՝ աշխատանք շատ կա։

― Այո, կարող եմ հանձն առնել։ Ինձ վիճակվել է կատարել նման աշխատանք։

― Եվ դուք կարո՞ղ եք հենց հիմա գալ մեզ հետ։

― Մի քիչ դժվար կլինի, բայց կաշխատեմ։

Մեծ ու ծանր մի լեռ ընկավ տնտեսվարի ուսերից։ Մանկական թեթևություն զգալով, հաստլիկը լուսաճաճանչ հայացքով նայեց նկարչին։

― Ձեր պայմաննե՞րը, ― հանդգնորեն հարցրեց Օստապը։ ― Ի նկատի առեք, որ ես թաղման գրասենյակ չեմ։

― Պայմանները գործարքային են։ Գեղաշխի վարձաչափերով։

Օստապը խոժոռվեց, մեծ ճիգ ու ջանք գործադրելով։

― Բացի այդ ձրի ուտեստ, ― շտապ վրա բերեց հաստլիկը, և առանձին նավասենյակ։

― Դե լավ, ― ասաց Օստապը հառաչելով, ― համաձայն եմ։ Բայց հետս մի աշակերտ կա, ասիստենտ։

― Աշակերտի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Աշակերտի համար վարկեր բաց չեն թողնվել։ Ձեր հաշվին՝ խնդրեմ։ Թող ապրի ձեր նավասենյակում։

― Թող ձեր ասածը լինի։ Շա՜տ աչքաբաց տղա է։ Սովոր է սպարտական պայմաններին։

Օստապը անցաթուղթ ստացավ իր և աչքաբաց տղայի համար, գրպանեց նավասենյակի բանալին և դուրս ելավ շոգ տախտակամած։ Նա մեծ բավականություն էր զգում բանալուն ձեռք տալուց։ Դա առաջին անգամն էր իր փոթորկալից կյանքում։ Բանալի և բնակարան կար։ Միայն փող չկար։ Բայց փողն էլ գտնվում էր հենց կողքին, աթոռների մեջ։ Մեծ կոմբինատորը, ձեռքերը գրպանը դրած, քայլում էր նավակողի երկարությամբ, չնկատելով ափին մնացած Վորոբյանինովին։

Իպոլիտ Մատվեևիչը սկզբում լուռ նշաններ էր անում, իսկ հետո համարձակվեց նույնիսկ ծվծվացնել։ Բայց Բենդերը խուլ էր։ Մեջքը կոնցեսիայի նախագահին դարձրած, նա ուշադիր հետևում էր, թե ինչպես հիդրավլիկ մամուլը իջեցնում են նավամբար։

Ափից հեռանալու վերջին պատրաստություններն էին տեսնում։ Ագաֆյա Տիխոնովնան, նույն ինքը Մուրան, տոտիկները կտկտացնելով, իր նավասենյակից վազում էր նավախել, նայում էր ջրերին, հիացմունքն էր հայտնում վիրտուոզ բալալայկա նվագողին և այդ ամենով շփոթություն մտցնում խաղարկման ձեռնարկության հարգարժան գործիչների շարքում։

Շոգենավը սուլեց երկրորդ անգամ։ Ահավոր ձայներից ամպերը տեղահան եղան։ Արևը կարմրեց և գլորվելով մտավ հորիզոնի հետևը։ Վերին քաղաքում վառվեցին լամպերն ու լապտերները։ Պոչաևի ձորակում գտնվող շուկայից լսվում էին գրամոֆոնների խռխռոցներ, որոնք մրցության մեջ էին մտել վերջին գնորդների առջև։ Շշմած ու միայնակ Իպոլիտ Մատվեևիչը ինչ֊որ բան էր բղավում, բայց ոչ ոք չէր լսում նրան։ Կարապիկի զրնգոցը խլացնում էր մնացած բոլոր ձայները։

Օստապ Բենդերը սիրում էր էֆեկտներ։ Միայն երրորդ շչակից հետո, երբ Իպոլիտ Մատվեևիչը արդեն չէր կասկածում, որ ինքը թողնված է բախտի քմահաճույքին, Օստապը նկատեց նրան։

― Ի՞նչ եք կանգնել մնացել չխոսկան հարսի պես։ Ես կարծում էի, թե դուք վաղուց արդեն շոգենավի վրա եք։ Հիմա կամրջակը կվերցնեն։ Շո՛ւտ վազեք։ Բա՛ց թողեք այդ քաղաքացուն։ Ահա անցաթուղթը։

Իպոլիտ Մատվեևիչը գրեթե լալով, վազեց մտավ շոգենավ։

― Սա է՞ ձեր ասած տղան, ― հարցրեց տնտեսվարը կասկածելով։

― Սա է, ― ասաց Օստապը։ ― Մի՞թե վատ տղա է։ Ով կասի, թե սա աղջիկ է, թող առաջինը քար նետի վրաս։

Հաստլիկը մռայլ հեռացավ։

― Դե, Կիսա, ― նկատեց Օստապը, ― ստիպված ենք առավոտվանից նստել աշխատելու։ Հուսով եմ, որ դուք կարող եք ներկեր բաց անել։ Եվ հետո ահա թե ինչ․ ես նկարիչ եմ, վերջացրել եմ ՎԽՈՒՏԵՄԱՍ֊ը, իսկ դուք իմ օգնականն եք։ Եթե կարծում եք, որ այդպես չէ, ապա շտապ ետ վազեք, իջեք ափ։

Կանաչասև փրփուր դուրս պրծավ նավախելի տակից։ Շոգենավը ցնցվեց, ճղփացին պղնձե ծնծղաները, ֆլեյտաները, կորնետները, տրոմբոնները, բասերը փողհարել սկսեցին հիանալի մի մարշ, և քաղաքը, շուռ գալով ու հավասարակշռություն պահպանելով, տեղափոխվեց ձախ ափը։ Շոգենավը, շարունակելով դողալ, կանգնեց հոսանքի ուղղությամբ և արագ վազեց խավարի մեջ։ Ետևում օրորվում էին աստղերը, լամպերը և նավահանգստի գույնզգույն նշանները։ Մի րոպե անց շոգենավը այնքան հեռացավ ափից, որ քաղաքի լույսերն սկսեցին տեղում քարացած հրթիռային փոշեհատիկներ թվալ։

Դեռ լսվում էր աշխատող «ունդերվունդների» չխկչխկոցը, իսկ բնությունն ու Վոլգան իրենց գործը տեսնում էին։ Երանությունը համակել էր «Սկրյաբին» շոգենավով մեկնողներին։ Խաղարկության հանձնաժողովի անդամները քնքշանվաղորեն թեյ էին խմում։ Նավախելում կայացած տեխկոմի առաջին նիստում քնքշություն էր տիրում։ Այնպես աղմուկով էր շնչում տաք երեկոն, ջուրն այնպե՜ս էր ճղփում նավակողերին, այնպե՜ս արագ շոգենավի կողքով անցնում էին ափերի սև ուրվագծերը, որ տեղկոմի նախագահը, միանգամայն դրական մի մարդ, որ բերանը բաց էր արել արտասովոր իրադրության մեջ աշխատելու պայմանների մասին ճառ արտասանելու, բոլորի և հենց իր համար անսպասելի կերպով սկսեց երգել։

Լողում է նավը Վոլգայով,
Վոլգա, Վոլգա, դու մայր գետ․․․

Իսկ նիստի մնացած խստադեմ մասնակիցները որոտացին կրկներգը․

Սիրենն է ծաղ֊կո՜ւմ։

Տեխկոմի նախագահի զեկուցման առթիվ այնպես էլ բանաձև չգրվեց։ Լսվեցին դաշնամուրի հնչյուններ։ Երաժշտական նվագակցության վարիչ Խ․ Իվանովը ամենալիրիկական նոտաներն էր կորզում գործիքից։ Վիրտուոզ բալալայկա նվագողը ընկել էր Մուրոչկայի ետևից և, սերն արտահայտելու համար սեփական խոսքեր չգտնելով, շշնջում էր ռոմանսի խոսքերը։

― Մի հեռանա։ Այրող են քո համբույրները։ Ես դեռ չեմ հոգնել կրքոտ փաղաքշանքից։ Լեռան կիրճերում չեն զարթնել ամպերը, չի հանգել հորիզոնը մարգարտյա աստղից․․․

Սիմբիևիչ֊Սինդևիչը, բազիրքից կառչած, հայում էր երկնի անհունությունը։ Նրա հետ համեմատած «Ամուսնության» իրեղեն ձևավորումը զայրացուցիչ խոզություն էր թվում։ Նա գարշանքով էր նայում իր ձեռքերին, որոնք թունդ մասնակցություն էին ունեցել կլասիկ կատակերգության իրեղեն ձևավորմանը։

Նվաղման ամենաբարձր պահին նավախելում տեղավորված Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը զարկեցին իրենց դեղատնային և գարեջրային պիտույքներին։ Նրանք փորձ էին անում։ Պատրանքն անմիջապես ցնդեց։ Ագաֆյա Տիխոնովնան հորանջեց և, ուշադրություն չդարձնելով ախ քաշող վիրտուոզի վրա, գնաց քնելու։ Տեղկոմականների հոգու խորքերում նորից հնչեց գլխապայմանագիրը և նրանք ձեռնամուխ եղան բանաձև գրելուն։ Սիմբիևիչ֊Սինդիևիչը հասուն դատողություններից հետո եկավ այն եզրակացության, որ «Ամուսնության» ձևավորումը այնքան էլ վատ չէ։ Մթության միջից ջղայնացած մի ձայն Ժորժետտա Տիրասպոլիխին կանչում էր ռեժիսյորի մոտ խորհրդակցության։ Գյուղերում շներ էին հաչում։ Հով֊զովն ընկավ։

Առաջին կարգի նավասենյակում Օստապը կաշվե բազմոցի վրա պառկած և նայելով կանաչ պարուսինով փաթաթած խցանե փրկագոտուն, հարցաքննում էր Իպոլիտ Մատվեևիչին։

― Դուք նկարել կարո՞ղ եք։ Շա՜տ ափսոս։ Ցավոք սրտի ես էլ չեմ կարող։

Նա մտածեց և շարունակեց․

― Իսկ տառեր կարո՞ղ եք։ Նույնպե՞ս չեք կարող։ Բոլորովին վատ է։ Չէ՞ որ մենք նկարիչներ ենք։ Երկու օր կարելի է մի կերպ քարշ տալ, իսկ հետո դուրս կնետեն։ Այդ երկու օրվա ընթացքում մենք պետք է կարողանանք անել այն ամենը, ինչ հարկավոր է մեզ։ Դրությունը փոքր֊ինչ բարդացել է։ Ես իմացա, որ աթոռները գտնվում են ռեժիսյորի նավասենյակում։ Բայց դա էլ վերջիվերջո սարսափելի չէ։ Կարևորն այն է, որ մենք շոգենավի վրա ենք։ Մինչև մեզ դուրս նետելը բոլոր աթոռները զննված պետք է լինեն։ Այսօր արդեն ուշ է։ Ռեժիսյորը քնած է նավասենյակում։

Անմաքուր զույգ

Մարդիկ դեռ քնած էին, բայց գետն ապրում էր ցերեկվա պես։ Անցնում էին լաստեր՝ գերանների վիթխարի դաշտեր՝ վրան խրճիթներ։ Փոքրիկ, չար մի բուքսիր, որի անվային պատյանի վրա կամարաձև գրված էր անունը՝ «Մրրիկների հրամայող», ետևից քարշ էր տալիս շարքով իրար կապած երեք նավթի բեռնանավ։ Ներքևից վազելով անցավ արագավազ փոստատար «Կարմիր Լատվիան»։ «Սկրյաբինը» անցավ հողահան քարավանից և, շերտավոր ձողով խորությունը չափելով, սկսեց աղեղ գծել, շուռ գալով հոսանքին հակառակ։

Շոգենավի վրա սկսեցին արթնանալ։ «Բարմինո» նավակայանի վրա թռավ շպագատով կշռաքարը։ Այդ կարթաթելով նավակայանի մարդիկ դեպ իրենց քաշեցին կապելու ճոպանի հաստ ծայրը։ Պտուտակներն սկսեցին պտտվել հակառակ կողմը։ Գետի կեսը լցվեց շարժուն փրփուրով։ «Սկրյաբինը» սկսեց դողալ պտուտակի շեշտակի հարվածներից և ամբողջ կողքով հպվեց նավամատույցին։ Դեռ վաղ էր։ Ուստի որոշեցին խաղարկությունն սկսել ժամը տասին։

«Սկրյաբինի» վրա ծառայությունն սկսվեց ճշտապահորեն ճիշտ ժամը իննին, ասես ցամաքի վրա լինեին։ Ոչ ոք չդավաճանեց իր սովորություններին։ Նա, ով ցամաքում էլ ուշանում էր գործից, ուշանում էր և այստեղ, թեև քնել էր հենց հիմնարկում։ Ֆինժողկոմատի շարժական հաստիքները բավական շուտ ընտելացան նոր ապրելակերպին։ Ցրիչներն ավլում էին նավասեյնակները նույն անտարբերությամբ, որով ավլում էին Մոսկվայի գրասենյակները։ Հավաքարարները թեյ էին բաժանում, վազեվազ թուղթ էին տանում մատենագրություից անձնական սեղան, բնավ չզարմանալով, որ անձնական սեղանը տեղավորված է նավախելում, իսկ մատենագրությունը ցռուկի վրա։ Փոխադարձ հաշիվների նավասենյակից լսվում էր համրիչնեերի կաստանյետային չխկչխկոցը և արիֆմոմետրի կրճտոցը։ Նավապետի խցիկի առջև ինչ֊որ մեկին շշպռում էին։

Մեծ կոմբինատորը վերին տախտակամածի վրա ոտքերն այրելով, քայլում էր կումաչի նեղ ու երկար շերտի շուրջը, նրա վրա ներկոտելով լոզունգ, որի տեքստը ամեն րոպե ստուգում էր թղթի վրա գրածի հետ։

«Բոլորդ դեպի խաղարկություն։ Յուրաքանչյուր աշխատավոր իր գրպանում պետք է ունենա պետփոխառության պարտատոմս»։

Մեծ կոմբինատորը շատ էր ջանում, բայց ընդունակությունների բացակայությունն այնուամենայնիվ զգացնել էր տալիս իրեն։ Գրածի ներկը ներքև հոսեց, և կումաչի մի կտորն ասես անհուսալիորեն փչացավ։ Այդ ժամանակ Օստապը, աշակերտ Կիսայի օգնությամբ, կտորը թարս շուռ տվեց ու նորից սկսեց ներկել։ Այժմ նա զգույշ էր։ Նախքան տառը նկարելը, նա կավճոտած թելով երկու զուգահեռ գծեր դրոշմեց և, կամացուկ հայհոյելով անմեղ Վորոբյանինովին, անցավ բառերի պատկերմանը։

Իպոլիտ Մատվեևիչը բարեխղճորեն կատարում էր աշակերտի պարտականությունները։ Նա վազում էր ներքև տաք ջուր բերելու, սոսինձ էր հալում, փռշտալով ներկեր էր լցնում դույլի մեջ և քծնանքով նայում խստապահանջ նկարչի աչքերին։ Պատրաստի և չորացած լոզունգը կոնցեսիոներները իջեցրին ներքև և կպցրին նավակողին։

Օստապին վարձող հաստլիկը ափ վազեց և այնտեղից նայում էր նոր նկարչի աշխատանքին։ Լոզունգի տառերը զանազան հաստության էին և փոքր֊ինչ մի կողմի թեքված։ Սակայն, ելք չկար, ստիպված էին դրանով էլ բավարարվել։

Ափ իջավ փողային նվագախումբը և սկսեց կրակոտ մարշեր նվագել։ Ձայնի վրա ամբողջ Բարմինից երեխաներ թափվեցին, իսկ նրանց ետևից խնձորի այգիներից շարժվեցին տղամարդիկ և կանայք․․․ Նվագախումբը թնդացրեց օդը այնքան ժամանակ, մինչև որ խաղարկության հանձնաժողովի անդամները ափ իջան։ Սկսվեց միտինգ։ Կորոբկովի թեյարանի պատշգամբից հոսել սկսեցին զեկուցման առաջին հնչյունները՝ միջազգային դրության մասին։

Կոլումբականները, հավաքույթին նայում էին շոգենավից։ Այնտեղից երևում էին երկյուղծությամբ պատշգամբից փոքր֊ինչ հեռու կանգնած կանանց սպիտակ գլխակապերը, հռետորին ունկնդրող մուժիկների անշարժ բազմությունը և ինքը հռետորը, որ ժամանակ առ ժամանակ թափահարում էր ձեռքերը։ Ապա նվագեց երաժշտախումբը։ Նվագախումբը շուռ եկավ և, նվագը չդադարեցնելով, շարժվեց դեպի կամրջակը։ Նրա հետևից շարժվեց ամբոխը։

Խաղարկության ապարատը մեթոդիկորեն դուրս էր նետում թվերի կոմբինացիաներ։ Անիվները պտտվում էին, հրապարակում էին համարներ, բարմինցիները նայում էին ու լսում։

Մի րոպեով ներս վազեց Օստապը, համոզվեց, որ շոգենավի բոլոր բնակիչները նստած են խաղարկության դահլիճում, և նորից վազեց տախտակամած։

― Վորոբյանինո՛վ, ― շշնջաց նա, ― շտապ մի գործ կա գեղարվեստական մասի գծով։ Գնացեք առաջին կարգի միջանցքի ելքի մոտ և կանգնեք։ Մեկն ու մեկը մոտենալիս կլինի՝ բարձրաձայն երգեցեք։

Ծերուկը շշմեց։

― Ի՞նչ երգեմ։

― Համենան դեպս ո՛չ «Աստված, պահիր թագավորին»։ Որևէ կրքոտ երգ․ «Յաբլոչկա» կամ «Գեղեցկուհու սիրտը»։ Բայց զգուշացնում եմ, եթե ժամանակին չսկսեք ձեր արիան․․․ Սա ձեզ համար էքսպերիմենտալ թատրոն չէ։ Գլուխդ կպոկեմ։

Մեծ կոմբինատորը բոբիկ ոտքերը քստքստացնելով, դուրս վազեց բալագույն պանելներով պատած միջանցքը։ Միջանցքի վերջում դրված մեծ հայելին մի պահ անդրադարձրեց նրա կերպարանքը։ Նա կարդաց դռան վրայի տախտակիկը․

Նիկ․ Սեստրին
«Կոլումբ թատրոնի ռեժիսյոր

Հայելին մաքրվեց։ Հետո նրա վրա կրկին հայտնվեց մեծ կոմբինատորը։ Նա ձեռքին բռնած ուներ ճկած ոտքերով մի աթոռ։ Նա սլացավ միջանցքով, դուրս եկավ տախտակամած և, հայացքներ փոխանակելով Իպոլիտ Մատվեևիչի հետ, աթոռը տարավ վերև, ղեկակալի խցիկը։ Ապակեպատ խցիկում ոչ ոք չկար։ Օստապը նավախել տարավ աթոռը և խրատական տոնով ասաց․

― Աթոռն այստեղ կմնա մինչև գիշեր։ Ես ամեն ինչ մտածել եմ։ Այստեղ գրեթե ոչ ոք չի լինում, մեզանից բացի։ Եկեք աթոռը ծածկենք պլակատներով, մթնելուն պես հանգիստ կծանոթանանք նրա բովանդակության հետ։

Մի րոպե անց ֆաներե թերթերի և կումաչի տակ կորած աթոռն այլևս չէր երևում։

Ոսկու տենդը նորից համակեց Իպոլիտ Մատվեևիչին։

― Իսկ ինչո՞ւ չտանենք մեր նավասենյակը, ― հարցրեց նա անհամբեր։ ― Մենք հենց հիմա էլ կաբցեինք այն։ Եվ եթե ադամանդները գտնեինք, անմիջախես ափ․․․

― Իսկ եթե չգտնեի՞նք։ Այդ դեպքո՞ւմ։ Ինչ անենք աթոռի հետ։ Թե, մի գուցե ետ տանենք քաղաքացի Սեստրինին և քաղաքավարի ասենք՝ «Ներեցեք, մենք գողացել էինք ձեր աթոռը, բայց դժբախտաբար, մեջը բան չգտանք, այնպես որ ետ ստացեք փոքր֊ինչ փչացած վիճակում»։ Այդպե՞ս կվարվեիք։

Մեծ կոմբինատորը իրավացի էր, ինչպես միշտ։ Իպոլիտ Մատվեևիչը շփոթվածությունից սթափվեց միայն այն պահին, երբ տախտակամածից լսվեցին Էսմարխի գավաթների և գարեջրի շշերի վրա կատարվող նախերգանքի հնչյունները։

Այդ օրվա խաղարկության գործարքներն ավարտվեցին։ Հանդիսականները տեղավորվեցին ափի լանջերին և սպասածից ավելի աղմուկով էին արտահայտում իրենց հավանությունը դեղատնա֊նեգրական անսամբլին։ Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը հպարտորեն նայում էին, կարծես ասելով․ «Այ տեսնո՞ւմ եք։ Իսկ դուք պնդում էիք, թե լայն մասսաները չեն հասկանա։ Արվե՜ստը, նա միշտ էլ տեղ է հասնում»։

Ապա հանպատրաստից շինած բեմի վրա կոլումբցիները մի թեթև վոդևիլ խաղացին՝ երգերով ու պարերով, որի բովանդակությունն այն էր, թե ինչպես Վավիլան շահեց հիսուն հազար ռուբլի և ինչ դուրս եկավ դրանից։ Նիկսեստրինյան կոնստրուկտիվիզմի կապանքները դեն նետած արտիստները խաղում էին ուրախ, պարում էին եռանդուն և երգում դուրեկան ձայներով։ Ափը միանգամայն բավարարված էր։

Երկրորդ համարով ելույթ ունեցավ վիրտուոզ բալալայկա նվագողը։ Ափը ծածկվեց ժպիտներով։

«Տիրուհի, տիրուհի, ― կտկտացնում էր վիրտուոզը, ― իմ սիրուհի֊ տիրուհի»։

Բալալայկան շարժման մեջ դրվեց։ Նա թռչում էր արտիստի մեջքի հետևը, և մեջքի ետևից լսվում էր՝ «Թե որ աղան շղթա ունի, ասել է՝ ժամացույց չունի»։ Նա օդ էր թռչում և իր կարճատև թռիչքի ընթացքում բավական դժվարին վարիացիներ էր բաց թողնում։

Հասավ Ժորժետտա Տիրասպոլկիխի հերթը։ Նա իր հետ մի երամակ սարաֆան հագած աղջիկներ դուրս բերեց։ Համերգը վերջացավ ռուսական պարերով։

Մինչ «Սկրյաբինը» կպատրաստվեր հետագա նավարկման, մինչ կապիտանը խողովակի միջով կբանակցեր մեքենայական բաժանմունքի հետ և նավի հնոցները կբոցկլտային՝ ջուրը տաքացնելով, փողային նվագախումբը նորից ափ իջավ և ի բավականություն բոլորի սկսեց նվագել պարեղանակներ։ Գոյացան գեղատեսիլ, շարժուն խմբեր։ Մայր մտնող արևը ծիրանագույն մեղմ լույս էր ուղարկում։ Վրա հասավ կինոնկարահանումների իդեալական ժամը։ Եվ իրոք, օպերատոր Պոլկանը, հորանջելով, դուրս եկավ նավասենյակից։ Վորոբյանինովը, որն արդեն ընտելացել էր ընդհանուրի աշակերտ լինելու իր ամպլուային, Պոլկանի ետևից զգուշությամբ տանում էր նկարահանման ապարատը։ Պոլկանը մոտեցավ նավակողին և շրջահայեց ափը։ Այնտեղ կանաչի վրա պարում էին զինվորական պոլկա։ Ջահել աղջիկները բոբիկ ոտքերով այնպես ուժգին էին դոփում, ասես ուզում էին ճեղքել մեր մոլորակը։ Աղջկերքը լողում էին։ Ափի դարավանդներում և վայրէջքների վրա տեղավորվել էին հանդիսականները։ «Ավանգարդ» խմբի ֆրանսիական կինոօպերատորն այստեղ երեք օրվա աշխատանք կգտներ։ Մինչդեռ Պոլկանը, առնետի աչքերը ափով մեկ սահեցնելուց հետո, անմիջապես շուռ եկավ, յորդայով մոտ վազեց «հանձնաժաղովի» նախագահին, դեմ արեց նրան ճերմակ պատին, ձեռքը մի գիրք խոթեց և, խնդրելով չշարժվել, երկար ու սահուն պտտում էր ապարատի բռնակը։ Հետո նա քաշվող նախագահին տարավ նավախել և նկարահանեց մայրամուտի ֆոնի վրա։

Նկարահանումն ավարտելով, Պոլկանը ուռած֊փքված հեռացավ ու փակվեց իր նավասենյակում։

Շչակը նորից ոռնաց, և արևը նորից փախավ վախեցած։ Վրա հասավ երկրորդ գիշերը։ Շոգենավը պատրաստ էր մեկնելու։

Օստապը ահուդողով մտորում էր վաղվա օրվա մասին։ Նա ստվարաթղթից կտրելու էր սերմնացանի կերպարանք, որը պարտատոմսեր է շաղ տալիս։ Մեծ կոմբինատորի ուժերից վեր էր գեղարվեստական այդ քննությունը։ Եթե Օստապը մի կերպ տառերից գլուխ էր հանում, ապա սերմնացանի գեղարվեստական պատկերման համար արդեն ոչ մի ռեսուրս չէր մնացել։

― Ուրեմն, ի նկատի ունեցեք, ― զգուշացնում էր հաստլիկը, ― Վասյուկիից դենը մենք սկսում ենք երեկոյան խաղարկությունները, և առանց տրանսպարանտի ոչ մի կերպ յոլա գնալ չենք կարող։

― Խնդրեմ չանհանգստանաք, ― հայտարարեց Օստապը, հույսն ավելի շուտ դնելով ոչ թե վաղվա առավոտվա, այլ այսօրվա երեկոյի վրա, ― տրանսպարանտը կլինի։

Վրա հասավ աստղալից, քամի գիշերը։ Խաղարկության տապանի բնակիչները քնեցին։

Խաղարկության հանձնաժողովի առյուծները խոր քուն էին մտել։ Քնել էին անձնական սեղանի գառնուկները, հաշվապահության այծերը, փոխադարձ հաշիվների բաժնի ճագարները, հնչյունային ձևավորման բորենիներն ու չախկալները, մեքենագրական բյուրոյի աղունիկները։

Չէր քնել միայն անմաքուր զույգը։ Մեծ կոմբինատորը դուրս ելավ իր նավասենյակից գիշերվա ժամը մեկի մոտերքը։ Նրանք բարձրացան վերին տախտակամածը և անլսելի մոտեցան ֆաներե թերթերի տակ թաքցրած աթոռին։ Ծածկույթը զգուշությամբ դեն նետելով, Օստապը ոտների վրա դրեց աթոռը, ծնոտները սեղմելով, տափակբերանով պատռեց վրայի կարը և ձեռքը կոխեց նստելատեղի տակ։

Քամին սուրում էր վերին տախտակամածով։ Երկնքում թեթևակի շարժվում էին աստղերը։ Ոտքերի տակ, խոր ներքևում, ճողփում էր սև ջուրը։ Ափերը չէին երևում։ Իպոլիտ Մատվեևիչը դողում էր։

― Կա՛, ― ասաց Օստապը խեղդված ձայնով։

Տեր Ֆյոդորի նամակը
Գրված Բաքվում «Արժեք» կահավորված սենյակներից
Գավառական N քաղաքում ապրող իր կնոջը

Թանկագին և անգին իմ Կատյա։

Ժամ առ ժամ մոտենում ենք մեր բախտավորությանը։ Գրում եմ քեզ «Արժեք» կահավորված սենյակներից, այն բանից հետո, երբ գործով եղա բոլոր տեղերը։ Բաքուն շատ մեծ քաղաք է։ Այստեղ, ասում են, նավթ են հանում, բայց այնտեղ պետք է գնալ էլեկտրական գնացքով, իսկ ես փող չունեմ։ Գեղատեսիլ քաղաքը ողողվում է Կասպից ծովով։ Դա իրոք իր չափերով շատ մեծ ծով է։ Սարսափելի շոգ է այստեղ։ Մի ձեռքիս վերարկուն է, մյուսին՝ պիջակը, էլի շոգ է։ Ձեռքերս քրտնում են։ Մի գլուխ թեյ եմ խմում։ Իսկ փող համարյա թե չկա։ Բայց ոչինչ, հոգյակդ իմ Կատերինա Ալեքսադրովնա, շուտով բազում քանակությամբ փող կունենանք։ Կլինենք ամենուրեք, իսկ հետո ուզածիդ պես բնակություն կհաստատենք Սամարայում, մեր փոքրիկ գործարանի մոտերքը, և մրգօղի կխմենք։ Սակայն, մոտենանք խնդրին։

Բաքու քաղաքն իր աշխարհագրական դիրքով և ազգաբնակչության քանակով զգալիորեն գերազանցում է Ռոստով քաղաքին։ Սակայն իր շարժումով զիջում է Խարկով քաղաքին։ Այլազգիներն այստեղ բազում են։ Մանավանդ շատ հայեր կան և պարսիկներ։ Այստեղից, սիրելիս, մինչև Թուրքիա հեռու չի։ Եղա և շուկայում, և տեսա բազում թուրքական ապրանքներ ու շալեր։ Ուզեցա քեզ համար որպես նվեր մուսուլմանական մի ծածկոց գնել, համա փող չկար։ Մտքովս անցավ, որ երբ հարստանանք (իսկ դրան հաշված օրեր են մնացել) այն ժամանակ էլ հնարավոր կլինի մուսուլմանական ծածկոց գնել։

Օ՜խ, տիրուհի, մոռացա քեզ գրել երկու ահավոր դեպքի մասին, որ պատահեց ինձ հետ Բաքու քաղաքում․ 1) քո եղբոր, հացթուխի պիջակը ձեռքիցս ընկավ ծովը և 2) շուկայում սապատավոր մի ուղտ թքեց վրաս։ Այդ երկու պատահարներն ինձ անասելի զարմացրին։ Ինչո՞ւ են իշխանությունները թույլ տալիս նման անվայել արարմունքներ եկվոր ուղևորների նկատմամբ, մանավանդ, որ ես ուղտին ձեռք չտվեցի, այլ նույնիսկ հաճելի բան արեցի՝ ճիպոտով խտուտ տվի քթածակերի մեջ։ Իսկ պիջակը ամբողջ համայնքով վրա էին տվել բռնելու, հազիվ բռնեցին, բայց արի տես, որ դուրս եկավ ամբողջովին նավթոտած։ Չգիտեմ, թե ինչ եմ ասելու քո եղբորը, հացթուխին։ Դու, աղունիկս, առայժմ լեզուդ քեզ պահիր։ Դեռ ճաշո՞ւմ է Եվստիգնեևը։

Նամակը վերստին կարդացի և տեսա, որ գործի մասին դեռ ոչինչ չեմ գրել։ Ինժեներ Բռունսը իրոք որ աշխատում է Ազնեֆտում։ Միայն թե հիմա նա Բաքու քաղաքումը չէ։ Արձակուրդ է գնացել Բաթում քաղաքը։ Նրա ընտանիքը մշտապես բնակվում է Բաթումում։ Այստեղ ես խոսեցի մի քանիսի հետ, և նրանք ասում են, թե իրոք, Բռունսի ողջ կահույքը Բաթումումն է գտնվում։ Այնտեղ նա ապրում է ամառանոցում՝ Կանաչ Հրվանդանում, կա մի այդպիսի ամառանոցային տեղ (թանկ տեղ է, ասում են)։ Այստեղից մինչև Բաթում ճանապարհածախսն արժե 15 ռուբլի և մի քանի կոպեկ։ Ուղարկիր հեռագրով այստեղ քսան, Բաթումից ամեն ինչի մասին կհեռագրեմ։ Քաղաքում լուր տարածիր, որ ես դեռ մինչև օրս գտնվում եմ Վորոնեժում՝ մորաքրոջս անկողնու մոտ։

Հավետ քո ամուսին Ֆեդյա։

Հետ գրոց․ Նամակը փոստարկղ տանելիս, «Արժեքի» համարներում գողացան ինձանից քո եղբոր, հացթուխի, վերարկուն։ Մեծ վշտի մեջ եմ։ Լավ է, որ հիմա ամառ է։ Դու եղբորդ ոչինչ մի ասի։

Արտաքսում դրախտից

Մինչդեռ վեպի հերոսներից ոմանք համոզված էին, որ ժամանակը կհամբերե, իսկ ուրիշները ենթադրում էին, թե ժամանակը չի սպասում, ժամանակն ընթանում էր իր կարգով։ Մոսկովյան փոշառատ մայիսին հաջորդեց փոշառատ հունիսը։ Գավառական N քաղաքում Պետ․ N 1 ավտոմոբիլը, դարուփոսի վրա վնասվածք ստանալով, արդեն երկու շաբաթ է կանգնած էր Ստարոպանի հրապարակի և ընկեր Գուբերնսկու անվան փողոցի անկյունում, ժամանակ առ ժամանակ կատաղի ծխի մեջ կորցնելով շրջակայքը։ Ստարգորոդի կալանատնից մեկ֊մեկ դուրս էին գալիս «Արի և խոփի» դավադրության շփոթված մասնակիցները․ նրանցից ստորագրություն էին վերցրել քաղաքից չմեկնելու մասին։ Այրի Գրիցացուևան (կրակոտ կին՝ պոետի երազանքը) վերադարձել էր բախկալի իր գործին և տուգանվել տասնհինգ ռուբլով, որովհետև աչքի ընկնող տեղում գնացուցակ չէր կախել՝ նշելով սապնի, տաքդեղի, լեղակի և նման մանր֊մունր ապրանքների գները, ― մոռացկոտություն, որ ներելի է մեծ սրտի տեղ կնոջը։

― Կա՛, ― կրկնեց Օստապը խանգարված ձայնով։ ― Բռնեցե՛ք։

Իպոլիտ Մատվեևիչը դողդոջուն ձեռքերով վերցրեց տախտակյա տափակ արկղիկը։ Օստապը մթության մեջ շարունակում էր քչփորել աթոռի խորքը։ Փայլատակեց ափի փարոսը։ Ջրի վրա ընկավ ոսկյա մի սյուն, և սկսեց լողալ նավի ետևից։

― Գրո՜ղը տանի, ― ասաց Օստապը։ ― Ուրիշ ոչինչ չկա։

― Չ֊չ֊չ֊ի կարող պատահել, ― թոթովեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Դե, ինքներդ էլ նայեցեք։

Վորոբյանինովը, շնչակտուր ծունկի եկավ և ձեռքը մինչև արմունկը կոխեց նստատեղի տակ։ Մատների արանքում շոշափեց զսպանակի հիմքը։ Ուրիշ ոչ մի կարծր բան չկար։ Աթոռից անհանգստացրած փոշու չոր ու գարշելի հոտ էր փչում։

― Չկա՞, ― հարցրեց Օստապը։

― Չէ։

Այն ժամանակ Օստապը բարձրացրեց աթոռը և շպրտեց նավակողից հեռու։ Լսվեց ծանր ճողփյուն։ Կոնցեսիոներները, գիշերվա խոնավությունից սարսռելով, տարակուսած վերադարձան իրենց նավասենյակը։

― Այդպե՜ս, ― ասաց Բենդերը։ ― Համենայն դեպս ինչ֊որ բան գտանք։

Իպոլիտ Մատվեևիչը հանեց գրպանից արկղիկը և ապուշ կտրած նայեց նրա վրա։

― Տվե՛ք, տվե՛ք։ Ի՞նչ եք աչքներդ չռել։

Արկղիկը բացեցին։ Հատակին ընկած էր մետաղյա կանաչ թերթիկ հետևյալ մակագրությամբ․

Սույն կիսաբազկաթոռով
Վարպետ
Համբսը
Սկսում է կահույքի նոր պարտիա
1865 թ․ Սանկտ֊Պետերբուրգ։

Օստապն այդ մակագրությունը կարդաց բարձրաձայն։

― Իսկ ադամանդներն ո՞ւր են, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Դուք զարմանալի կերպով շուտ եք գլխի ընկնում, տաբուրետկաների ետևից ընկած որսո՛րդ։ Ադամանդը, ինչպես տեսնում եք, չկա։

Ցավալի էր նայել Վորոբյանինովին։ Թեթևակի աճած բեղերը շարժվում էին, պենսնեի ապակիները՝ մշուշապատվել։ Թվում էր, թե նա հուսահատությունից ականջներով խփում է իր այտերին։

Մեծ կոմբինատորի սառը, խոհական ձայնը իր սովորական մոգական ազդեցությունն ունեցավ։ Վորոբյանինովը ձեռքերը մաշված կողքերին ձգած լռեց։

― Լռի՛ր, թախիծ իմ, լռի՛ր, Կիսա։ Երբևէ մենք կծիծաղենք ութերորդ հիմար աթոռի վրա, որի մեջ գտնվեց տխմար մի տախտակիկ։ Դիմացե՛ք։ Դեռ երեք աթոռ էլ կա՝ հարյուրից իննսունինը շանս։

Գիշերվա ընթացքում ծայր աստիճանի դառնացած Իպոլիտ Մատվեևիչի այտի վրա հրաբխային մի պզուկ էր ժայթքել։ Ադամանդների ետևից ընկնելու բոլոր տանջանքները, բոլոր տառապանքները, բոլոր ձախորդությունները, ― այդ ամենը ասես պարփակվել էր պզուկի մեջ և նա հիմա փողփողում էր սադափի, բալի և լեղակի գույներով։

― Դուք այդ դիտմա՞մբ եք արել, ― հարցրեց Օստապը։

Իպոլիտ Մատվեևիչը ջղաձգորեն հառաչեց և, երկար, կարթաձողի պես փոքր֊ինչ կռացած, գնաց ներկեր բերելու։ Սկսվեց տրանսպարանտի պատրաստումը։ Կոնցեսիոներներն աշխատում էին վերին տախտակամածում։

Եվ սկսվեց նավարկության երրորդ օրը։

Այն սկսվեց փողային նվագախմբի և հնչյունային ձևավորման միջև փորձատեղի համար ծագած կարճատև ընդհարումով։

Ընթրիքից հետո միաժամանակ երկու կողմերից դեպի նավախել ուղղվեցին պղնձե շեփորներով զինված քաջառողջ տղաները և էսմարխյան գավաթների լղպոր ասպետները։ Նավախելի նստարանին առաջինը հաջողացրեց նստել Գալկինը։ Երկրորդը վրա վազեց փողային նվագախմբի կլարնետը։

― Տեղը զբաղված է, ― մռայլ ասաց Գալկինը։

― Ո՞ւմ կողմից, ― չարագուժորեն հարցրեց կլարնետը։

― Ի՛մ, Գալկինի։

― Էլ ո՞ւմ։

― Պալկինի, Մալկինի, Չալկինի և Զալկինդի։

― Իսկ Յոլկին չունե՞ք։ Սա մեր տեղն է։

Երկու կողմերից էլ օժանդակ ուժեր էին մոտենում։ Պղնձե օձով երեքտակ գոտևորված կանգնել էր հելիկոնը՝ նվագախմբի ամենահզոր մեքենան։ Օրորվում էր ականջանման վալտորնը։ Տրոմբոնները կանգնել էին մարտական լիակատար պատրաստակամությամբ։ Արևն հազար անգամ անդրադարնում էր մարտական զենք ու զրահի վրա։ Մութ ու մանր էր երևում հնչյունային ձևավորումը։ Այնտեղ պեծին էր տալիս շշի ապակին, գունատ պսպղում էին հոգնայի գավաթները, և սակսոֆոնը՝ փողային գործիքի այդ զայրացուցիչ պարոդիան, իսկական փողային շեփորից հանված այդ սերմնագեղձը, ― խղճուկ վիճակումն էր և նմանվում էր ծխամորճիկի։

― Հոգնայի գումարտակը, ― ասաց կռվարար կլարնետը, ― տեղի հավակնություն ունի։

― Դուք, ― ասաց Զալկինդը, ջանալով խիստ վիրավորական մի խոսք գտնել, ― դուք երաժշտության բնագավառում պահպանողականներ եք։

― Մի խանգարեք մեզ փորձելու։

― Այդ դուք եք մեզ խանգարում։ Ձեր գիշերային անոթների վրա որքան քիչ փորձեք, այնքան սիրուն կստացվի։

― Իսկ ձեր ինքնաեռների փորձեք֊չփորձեք, բան դուրս չի գա։

Երկու կողմերն էլ, ոչ մի համաձայնության չգալով, մնացին տեղերում և ամեն մեկն սկսեց համառորեն իրենը նվագել։ Գետն ի վար հոսում էին ձայներ, որ կարող էր արձակել միայն փշրված ապակու վրայով դանդաղ անցնող տրամվայը։ Փողայինները նվագում էին Կեքսհոլմի լեյբ֊գվարդիական գնդի մարշը, իսկ հնչյունային ձևավորումը՝ «Անտիլոպը Զամբեզիի ակունքներում» նեգրական պարեղանակը։ Սկանդալը դադարեց խաղարկության հանձնաժողովի նախագահի անձնական միջամտությունից հետո։

Ժամը տասնմեկի մոտերքը մեծ աշխատանքն ավարտվեց։ Օստապն ու Վորոբյանինովը, ետ֊ետ գնալով, քարշ տվեցին տրանսպարանտը նավապետի կամրջակի մոտ։ Նրանց առջևից, ձեռքերը աստղերին մեկնած, վազում էր հաստլիկ տնտեսվարը։ Տրանսպարանտը ընդհանուր ջանքերով կախվեց բազիրքներից։ Նա էկրանի պես հառնել էր ուղևորների տախտակամածի վերևում։ Էլեկտրատեխնիկը կես ժամվա ընթացքում լարեր անցկացրեց տրանսպարանտի մեջքին և ներսում երեք լամպ հարմարեցրեց։ Մնում էր պտտեցնել անջատիչը։

Առջևում, ցռուկից աջ, արդեն առկայծում էին Վասյուկի քաղաքի լույսերը։

Տնտեսվարը տրանսպարանտի լուսավորման հանդեսին հրավիրել էր ամբողջ շոգենավի բնակչությանը։ Իպոլիտ Մատվեևիչը և մեծ կոմբինատորը, դեռ մութ տախտակի երկու կողմերում կանգնած, վերևից նայում էին հավաքվածներին։

Լողացող հիմնարկությունը սրտին մոտ էր ընդունում շոգենավի վրա տեղի ունեցած յուրաքանչյուր դեպքը։ Մեքենագրուհիները, ցրիչները, պատասխանատու աշխատողները, կոլումբականներն ու շոգենավի անձնակազմը, գլուխները վեր ցցած, խռնվել էին ուղևորների տախտակամածին։

― Տո՛ւր, ― հրամայեց հաստլիկը։

Տրանսպարանտը լուսավորվեց։

Օստապը նայեց ներքև, ամբոխին։ Վարդագույն լույսը ընկել էր դեմքերին։

Հանդիսականները ծիծաղեցին։ Ապա տիրեց լռություն։ Եվ մի խիստ ձայն ներքևում ասաց․

― Ո՞ւր է տնտեսվարը։

Ձայնն այնքան պատասխանատու էր, որ տնտեսվարը, աստիճանները չհաշվելով, նետվեց ներքև։

― Նայեցեք, ― ասաց ձայնը, ― հիացեք ձեր աշխատանքով։

― Հիմա կվռնդեն, ― շշնջաց Օստապը Իպոլիտ Մատվեևիչին։

Եվ իրոք, հաստլիկը բազեի պես թռավ վերին տախտակամածը։

― Հը, ո՞նց է տրանսպարանտիկը, ― լկտիաբար հարցրեց Օստապը, ― հասնո՞ւմ է։

― Իրերն հավաքեցե՛ք, ― բղավեց տնտեսվարը։

― Ի՞նչ հարկ կա վռազելու։

― Հա֊վա֊քե֊ցե՛ք իրերը։ Կորե՛ք։ Դատի տակ կգնաք։ Մեր պետը կատակներ չի սիրում։

― Քշե՛ք դրան, ― ներքևից լսվում էր պատասխանատու ձայնը։

― Չէ, լուրջ, ձեզ դուր չի՞ գալիս տրանսպարանտը, իսկապե՞ս վատ տրանսպարանտ է։

Խաղը շարունակել իմաստ չուներ։ «Սկրյաբինը արդեն մոտեցել էր Վասյուկիին, և շոգենավից արդեն կարելի էր տեսնել նավակայանում խռնված վասյուկցիների շշմած դեմքերը։

Կտրականապես մերժեցին փող տալ։ Իրերն հավաքելու համար տրվեց հինգ րոպե։

― Շան թա՛թ, ― ասաց Սիմբիևիչ֊Սինդիևիչը, երբ ենկերակիցներն իջնում էին նավակայան։ ― Ինձ հանձնեին տրանսպարանտի ձևավորումը։ Այնպես շինեի, որ ոչ մի Մեյերխոլդ իմ ետևից չհասներ։

Նավակայանում կոնցեսիոներները կանգ առան և նայեցին վեր։ Մութ երկնքում շողշողում էր տրանսպարանտը։

― Հա֊ա՜, ― ասաց Օստապը, ― բավականին վայրենի տրանսպարանտիկ է։ Ողորմելի կատարում։

Անհնազանդ ջորու պոչով խզմզված նկարը Օստապի տրանսպարանտի հետ համեմատած թանգարանային արժեք կթվար։ Պարտատոմսեր շաղ տվող սերմնացանի փոխարեն, Օստապի վնասակար ձեռքը պատկերել էր կոճղանման մի բան՝ շաքարի գլխով և բարալիկ մատիկներ՝ ձեռքերի փոխարեն։

Կոնցեսիոներների ետևում հուրհրատում և երաժշտությամբ թնդում էր շոգենավը, իսկ առջևում, բարձրադիր ափին, գավառային կեսգիշերվա խավարն էր, շան հաչոց և հեռավոր հարմոն։

― Ամփոփում են դրությունը, ― կենսախնդորեն ասաց Օստապը։ ― Պասսիվը․ ոչ մի գրոշ փող, երեք աթոռ լողում են գետն ի վար, քնելու տեղ չկա և մանկական հանձնաժողովի ոչ մի կրծքանշան։ Ակտիվը․ ուղեցույց (ստիպված էինք փոխարինաբար վերցնել մոսյո Սիմբիևիչի նավասենյակից)։ Շատ դժվար է ամփոփել անդեֆիցիտ բալանսը։ Ստիպված ենք գիշերել նավակայանում։

Կոնցեսիոներները տեղավորվեցին նավակայանի նստարաններին։ Նավթի խղճուկ լապտերի լույսի տակ Օստապը ուղեցույցից կարդաց հետևյալը․

«Աջ բարձրադիր ափին Վասյուկի քաղաքն է։ Այստեղից ուղարկվում են անտառանյութ, խեժ, կեղև, խսիր, իսկ այստեղ բերվում են լայն սպառման ապրանքներ՝ երկաթուղուց հինգ կիլոմետր հեռավորությայն վրա գտնվող երկրամասի համար։ Քաղաքում կա 8000 բնակիչ, ստվարաթղթի պետական ֆաբրիկա՝ 320 բանվորներով, չուգունաձուլական, գարեջրի և կաշվի փոքրիկ գործարաններ։ Ուսումնական հաստատություններից, հանրակրթականից բացի, կա անտառային տեխնիկում»։

Դրությունն ավելի լուրջ է, քան ես ենթադրում էի, ― ասաց Օստապը։ ― Վասյուկցիներից փող կորզելն առայժմ ինձ համար անլուծելի խնդիր է թվում։ Մինչդեռ մեզ երեսուն ռուբլուց ոչ պակաս փող է հարկավոր։ Նախ և առաջ՝ մեզ սնվել է պետք և երկրորդ՝ հասնել խաղարկության տաշտակին և ցամաքում՝ Ցարիցինում հանդիպում ունենալ կոլումբցիների հետ։

Իպոլիտ Մատվեևիչը կուչ եկավ, ինչպես կուչ է գալիս քավթառ լղար կատուն երիտասարդ ախոյանի՝ տանիքների, չարդախների և ձեղնալուսամուտների եռանդուն տեր ու տնօրենի՝ հետ ընդհարվելուց հետո։

Օստապը ման էր գալիս նստարանների երկարությամբ, խորհրդածելով և կոմբինացնելով։ Ժամը մեկի մոտերքը հոյակապ պլանն արդեն պատրաստ էր։ Բենդերը պառկեց կոմպանյոնի կողքին և քնեց։

Շախմատի միջմոլորակային կոնգրես

Առավոտվանից Վասյուկիով քայլում էր բարձրահասակ, լղար մի ծերուկ՝ ոսկե պենսնեով և կարճ, շատ կեղտոտ, ներկոտած սապոգներով։ Նա պատերին փակցնում էր ձեռագիր աֆիշներ։

1927 թ․ հունիսի 22-ին
«Կարտոնաժնիկ» ակումբի շենքում կկայանա գրոսմայստեր
(ավագ վարպետ) Օ․ Բենդերի դասախոսությունը
«Արդյունավետ դեբյուտային իդեա»
թեմայով
և
Շախմատի միաժամանակյա սեանս
160 տախտակի վրա
Բոլորը գալիս են իրենց տախտակներով
Խաղի վարձը ― 50 կոպ․ Մուտքի վարձը ― 20 կոպ․
Սկզիբը երեկոյան ժամը վեցին
Ադմինիստրացիա՝ Կ․ Միխելսոն։

Ինքը գրոսմայստերը նույնպես ժամանակ չէր կորցնում։ Երեք ռուբլով ակումբը վարձելով, նա իրեն նետեց շախսեկցիա, որը չգիտես ինչու տեղավորված էր ձիագործարանի վարչության միջանցքում։

Շախսեկցիայում միաչքանի մի մարդ նստել և կարդում էր Պանտելևի հրատարակած Շպիլգագենի վեպը։

― Գրոսմայստեր Օ․ Բենդեր, ― հայտարարեց Օստապը, նստելով սեղանին։ ― Կազմակերպում եմ ձեզ մոտ միաժամանակյա խաղի սեանս։

Վասյուկինյան շախմատիստի միակ աչքը չռվեց մինչև բնության թույլ տված սահմանները։

― Էս րոպեիս, ընկեր գրոսմայստեր, ― բղավեց միաչքանին։ ― Նստեցեք, խնդրեմ։ Ես էս րոպեիս։

Եվ միաչքանին վազեց։ Օստապը զննեց շախմատային սեկցիայի շենքը։ Պատերից կախված էին վարգարշավի ձիերի լուսանկարներ, իսկ սեղանի վրա դրված էր գրասենյակային փոշեպատ մի գիրք՝ «Վասյուկինյան շախսեկցիայի նվաճումները 1925 թվականին» վերնագրով։

Միաչքանին վերադարձավ մի դյուժին տարբեր հասակի քաղաքացիներով։ Նրանք բոլորն էլ հերթով մոտենում էին ծանոթանալու, տալիս էին իրենց ազգանունները և հարգանքով սեղմում գրոսմայստերի ձեռքը։

― Կազան անցնելիս, ― կցկտուր ասում էր Օստապը, ― այո, այո, այսօր երեկոյան սեանս կա, եկեք։ Իսկ հիմա, ներեցեք, քեֆս տեղը չէ, հոգնել եմ Կարլսբադի տուրնիրից հետո։

Վասյուկինի շախմատիստները որդիական սիրով ունկնդրում էին Օստապին։ Օստապը ոգևորվեց։ Նա զգաց նոր ուժերի և շախմատային իդեաների հորդում։

― Դուք չեք հավատա, ― ասում էր նա, ― թե որքան հեռուներն է գնացել շախմատային միտքը։ Դուք գիտեք, որ Լասկերը հասել է գռեհկության, նրա հետ խաղալը անհնարին է դարձել։ Նա իր հակառակորդներին ծխախեղդ է անում սիգարներով։ Եվ դիտմամբ էժանագին սիգարներ է ծխում, որպեսզի ծուխն ավելի զզվելի լինի։ Շախմատային աշխարհը անհանգստության մեջ է։

Գրոսմեյստերն անցավ տեղական թեմաներին։

― Ինչո՞ւ գավառներում ոչ մի մտքի խաղ չկա։ Օրինակ, հենց ձեր շախսեկցիան։ Հենց այդպես էլ կոչվում է՝ շախսեկցիա։ Տխուր է, աղջկերք։ Ինչու, իսկապես, մի գեղեցիկ, զուտ շախմատային անունով չկոչեք նրան։ Դա սեկցիա կներգրավեր միութենական մասսային։ Ձեր սեկցիան, օրինակի համար, անվանեիք՝ «Չորս ձիերի շախմատային ակումբ» կամ «Կարմիր էնդշպիլ», կամ «Որակի կորուստ տեմպ շահելու դեպքում»։ Շա՜տ լավ կլիներ։ Կհնչե՛ր։

Գաղափարը հաջողություն ունեցավ։

― Եվ իսկապես, ― ասացին վասյուկինցիերը, ― ինչո՞ւ մեր սեկցիան չվերանվանենք «Չորս ձիերի ակումբ»։

Քանի որ շախսեկցիայի բյուրոն հենց այդտեղ էր, Օստապն իր պատվավոր նախագահությամբ րոպեական նիստ կազմակերպեց, որտեղ սեկցիան միաձայն վերանվանեցին «Չորս ձիերի շախակումբ»։ Գրոսմայստերը, օգտվելով «Սկրյաբինի» դասերից, սեփական ձեռքով կարտոնի վրա գեղանկարչորեն մի ցուցանակ նկարեց՝ չորս ձիով և համապատասխան մակագրությամբ։

Այդ կարևոր միջոցառումը շախմատային մտքի ծաղկում էր խոստանում Վասյուկիում։

― Շա՜խմատ, ― ասում էր Օստապը։ ― Գիտե՞ք արդյոք, թե ինչ բան է շախմատը։ Նա առաջ է շարժում ոչ միայն կուլտուրան, այլև էկոնոմիկան։ Գիտե՞ք արդյոք, որ ձեր «Չորս ձիերի շախակումբը» գործը ճիշտ կազմակերպելու դեպքում կարող է բոլորովին վերափոխել Վասյուկի քաղաքը։

Օստապը դեռ երեկվանից ոչինչ չէր կերել։ Ուստի և նրա պերճախոսությունն արտասովոր էր։

― Այո՛, ― բղավում էր նա։ ― Շախմատը հարստացնում է երկիրը։ Եթե դուք համաձայնեք իմ նախագծին, ապա քաղաքից նավակայան կիջնեք մարմարյա սանդուղքներով։ Վասյուկին կդառնա տասը նահանգի կենտրոն։ Առաջներում ի՞նչ էիք լսել Զեմմերինգ քաղաքի մասին։ Ոչինչ։ Իսկ հիմա այդ քնձռոտ քաղաքը հարուստ և նշանավոր է միայն նրա համար, որ այնտեղ կազմակերպվել էր միջազգային տուրնիր։ Ուստի և ասում եմ․ Վասյուկիում պետք է կազմակերպել շախմատի միջազգային տուրնիր։

― Ինչպե՞ս, ― բղավեցին ամենքը։

― Միանգամայն ռեալ բան է, ― պատասխանեց գրոսմեյստերը։ ― Իմ անձնական կապեըր և ձեր ինքնագործունեությունը ― ահա այն ամենը՝ ինչ անհրաժեշտ և բավական է Վասյուկինյան միջազգային տուրնիր կազմակերպելու համար։ Պատկերացրեք, թե ի՜նչ գեղեցիկ է հնչելու․ «1927 թվականի միջազգային Վասյուկինյան տուրնիր»։ «Խոզե֊Ռաուլ Կաբաբլանկայի, էմմանուիլ Լասկերի, Ալյոխինի, Նիմցովիչի, Ռետիի, Ռուբինշտեյնի, Մարոցցիի, Տառաշի, Վիդմարի և դոկտոր Գրիգորևի ժամանումն ապահովված է։ Բացի այդ, ապահովված է նաև իմ մասնակցությունը։

― Բայց փո՛ղ, ― հառաչեցին վասյուկինցիները։ ― Չէ՞ որ դրանց բոլորին փող է պետք վճարել։ Բազում հազարներ։ Որտեղի՞ց ճարենք։

― Ամեն ինչ հաշվի է առել հուժկու մրրիկը, ― ասաց Օ․ Բեդերը․ ― փող կտան հասույթները։

― Ո՞վ է մեզ այդչափ մեծ գումարներ տալու։ Վասյուկինցիները․․․

― Ի՜նչ վասյուկինցիներ։ Վասյուկինցիները փող չեն վճարելու։ Նրանք փող ս֊տա֊նա֊լո՛ւ են։ Ախր այդ ամենը շատ հասարակ բան է։ Չէ՞ որ մեծագույն վելտմեյստրների մասնակցությամբ տեղի ունեցող այդ տուրնիրին կգան ամբողջ աշխարհի շախմատիստները։ Հարյուր հազարավոր մարդիկ, լավ ապահովված հարուստներ, կձգտեն Վասյուկի։ Նախ և առաջ գետային տրանսպորտը չի կարող բարձրացնել այդ քանակությամբ ուղևորների։ Հետևաբար ՃՀԺԿ֊ը կկառուցի երկաթուղային մագիստրալ՝ Մոսկվա ― Վասյուկի։ Էդ մե՛կ։ Երկրորդ՝ հյուրանոցներ և երկնաքերեր հյուրերին տեղավորելու համար։ Երրորդ՝ գյուղատնտեսության բարձրացում հազար կիլոմետր շառավիղով․ հյուրերին պետք է մատակարարել բանջարեղեն, մրգեր, խավյար, շոկոլադե կոնֆետներ։ Պալատ, ուր տեղի է ունենալու տուրնիրը, էս քեզ՝ չորս։ Հինգերորդ՝ գարաժների կառուցում ― հյուրերի ավտոտրանսպորտի համար։ Տուրնիրի սենսացիոն արդյունքները ամբողջ աշխարհին հաղորդելու համար անհրաժեշտ կլինի կառուցել գերհզոր ռադիոկայան։ Էս քեզ՝ վեց։ Այժմ Մոսկվա ― Վասյուկի երկաթուղային մագիստրալի վերաբերյալ։ Անտարակույս, նա թողունակություն չի ունենա բոլոր ցանկացողներին Վասյուկի տեղափոխելու համար։ Այստեղից հետևում է «Մեծ Վասյուկի» օդանավակայանը ― փոստային ինքնաթիռների և դիրիժաբլների կանոնավոր թռիչքներ աշխարհի բոլոր կողմերը, ներառյալ Լոս֊Աջելոս և Մելբուրն։

Շլացուցիչ հեռանկարներ բացվեցին Վասյուկիի սիրողների առջև։ Սենյակի սահմանները ընդարձակվեցին։ Ձիաբուծարանի այդ բնի նեխած պատերը փլվեցին, և դրանց փոխարեն կապտավուն երկինք խոյացավ շախմատային մտքի երեսուն հարկանի ապակյա պալատը։ Նրա յուրաքանչյուր դահլիճում, յուրաքանչյուր սենյակում և նույնիսկ գնդակի պես սլացող լիֆտերում նստած էին մտազբաղ մարդիկ և շախմատ էին խաղում մալախիտե քարերով զարդարված տախտակների վրա․․․

Մարմարյա սանդուղքներն իջնում էին դեպի կապտավուն Վոլգան։ Գետի վրա կանգնել էին օվկիանոսային շոգենավեր։ Ֆունիկուլյորներով քաղաք էին բարձրանում հաստամռութ օտարերկրացիներ, շախմատային լեգենդներ, հնդկական պաշտպանության ավստրալիացի երկրպագուներ, սպիտակ չալմաներով հնդիկներ, իսպանական խաղի կողմնակիցներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, նորզելանդացիներ, Ամազոն գետավազանի բնակիչներ և վայսյուկինցիներին նախանձող մոսկվացիներ, լենինգրադցիներ, կիևցիներ, սիբիրցիներ և օդեսացիներ։

Ավտոբուսները կոնվեյերով շարժվում էին մարմարյա օթելների արանքով։ Բայց ահա բոլորը կանգ առան։ «Անցնող զինվոր» պերճաշուք հյուրանոցից դուրս եկավ աշխարհի չեմպիոն Խոսե֊Ռաուլ Կապաբլանկա֊ի Գրաուպերը։ Նրան շրջապատեցին դամաները։ Շախմատային հատուկ համազգեստ (վանդակավոր գալիֆե և վրակարերին փղեր) հագած միլիցիոները քաղաքավարի պատիվ տվեց։ Արժանապատվությամբ չեմպիոնին մոտեցավ Վասյուկինի «Չորս ձիերի ակումբի» միաչքանի նախագահը։

Երկու լուսատու աստղերի անգլերեն լեզվով տարվող զրույցը ընդհատվեց դոկտոր Գրիգորևի և աշխարհի ապագա չեմպիոն Ալյոխինի ժամանումով։

Ողջույնների բացականչությունները ցնցեցին քաղաքը։ Խոսե֊Ռաուլ Կապաբլանկայի Գրաուպերը մռայլվեց։ Միաչքանու ձեռքի մի թեթև շարժումով մարմարյա սանդուղքը բերվեց օդանավակայան։ Դոկտոր Գրիգորևը վազեց նրա վրայով՝ թափահարելով նոր շլյապան և ոտքի վրա մեկնաբանելով Կապաբլանկայի հնարավոր սխալը Ալյոխինի հետ ունենալիք առաջիկա մատչում։

Հանկարծ հորիզոնի վրա մի սև կետ նշմարվեց։ Նա արագ մոտենում և մեծանում էր, դառնալով զմրուխտե մի մեծ պարաշյուտ։ Պարաշյուտի օղակից մեծ բողկի պես կախվել էր ճամպրուկավոր մի մարդ։

― Դա նա՛ է, ― բղավեց միաչքանին։ ― Ու֊ռ֊ա՜, ու֊ռա՜֊ ու֊ռ֊ա՜։ Ես ճանաչում եմ մեծ փիլիսոփա֊շախմատիստ դոկտոր Լասկերին։ Ամբողջ աշխարհում նա է միայն հագնում այդպիսի կանաչ գուլպաներ։

Խոզե֊Ռաուլ Կապաբլանկա֊ի ― Գրուպերը նորից խոժոռվեց։

Լասկերին շտապ դեմ արեցին մարմարյա սանդուղքը և առույգ էքս֊չէմպիոնը, ձախ թևի վրայից փչելով փոշին, որ նստել էր Սիլեզիայի վրա թռչելիս, ընկավ միաչքանու գիրկը։ Միաչքանին գրկեց Լասկերի իրանը, մոտեցրեց չեմպիոնին և ասաց․

― Հաշտվեցե՛ք։ Վասյուկինյան լայն մասսաների անունից եմ խնդրում ձեզ։ Հաշտվեցե՛ք։

Խոզե֊Ռաուլը աղմուկով շունչ քաշեց և, հին վետերանի ձեռքը սեղմելով, ասաց․

― Ես միշտ էլ խոնարհվել եմ իսպանական պարտիայում փիղը b5-ից c4-ը տեղափոխելու ձեր իդեայի առջև։

― Ուռա՜, ― բացականչեց միաչքանին։ ― Պարզ է ու համոզիչ, չեմպիոնի ոճով։

Եվ ամբողջ աներևակայելի ամբոխը ձայնակցեց․

― Ուռա՜։ Վիվա՜տ։ Բանզա՜յ։ Պարզ է ու համոզիչ, չեմպիոնի ոճո՛վ։

Ճեպընթացները մոտենում էին վասյուկինյան տասներկու կայարաններին, իջեցնելով շախմատիստների նորանոր բազմություններ։

Երկինքն արդեն բոցավառվել էր հրավառ ռեկլամներից, երբ քաղաքի փողոցներով անցկացրին սպիտակ ձիուն։ Դա միակ ձին էր, որ անվնաս էր մնացել վասյուկինյան տրանսպորտը մեքենայացնելուց հետո։ Հատուկ որոշումով նրան վերանվանել էին նժույգ, թեև ողջ կյանքում մատակ էր համարվել։ Շախմատ հարգողները ողջունում էին նրան, արմավենու ճյուղեր և շախմատի տախտակներ թափահարելով։

― Մի անհանգստանաք, ― ասաց Օստապը, ― իմ նախագիծը ձեր քաղաքին ապահովում է արտադրողական ուժերի աննախընթաց ծաղկում։ Մտածեցեք, թե ինչ է լինելու, երբ տուրնիրը վերջանա, և բոլոր հյուրերը մեկնեն։ Բնակարանային ճգնաժամով Մոսկվայի բնակիչները նետվելու են ձեր հոյաշեն քաղաքը։ Մայրաքաղաքն ավտոմատիկ կերպով տեղափոխվելու է Վասյուկի։ Այստեղ է գալու կառավարությունը։ Վասյուկին վերանվանվելու է Նյու֊Մոսկվա, Մոսկվան՝ Հին Վասյուկի։ Լենինգրադցիներն ու խարկովցիները ատամ են կրճտացնելու, բայց ոչինչ անել չեն կարող։ Նյու֊Մոսկվան դառնալու է Եվրոպայի և մոտ ապագայում ամբողջ աշխարհի պերճաշուք կենտրոնը։

― Ամբողջ աշխարհի՜, ― հառաչեցին վասյուկինցիները։

― Այո։ Իսկ հետագայում և տիեզերքի։ Գավառական քաղաքը երկրագնդի մայրաքաղաքի վերածող շախմատային միտքը վերածվելու է կիրառական գիտության և հնարելու է միջմոլորակային հաղորդակցության միջոցներ։ Վասյուկիից ազդանշաններ են թռչելու դեպի Մարս, Յուպիտեր և Նեպտուն։ Հաղորդակցությունը Վեներայի հետ այնքան հեշտ կլինի, որքան Ռիբինսկից Յարոսլավլ մեկնելը։ Իսկ հետո, ով գիտե, կարող է պատահել մի ութ տարուց հետո Վասյուկինում կայանա տիեզերքի պատմության մեջ առաջին միջմոլորակային շախմատային կոնգրեսը։

Օստապը սրբեց իր ազնիվ ճակատը։ Նա այնպես ուտել էր ուզում, որ սիրով կուտեր տապակած շախմատի ձին։

― Դա֊ա՜, ― իրենից դուրս մղեց միաչքանին, խելացնոր հայացքը հածելով փոշոտ շենքում։ ― Բայց գործնականում ինչպե՞ս կյանքում կիրառենք այդ միջոցառումը, այսպես ասած՝ հիմք գցենք։

Ներկա եղողները լարված նայում էին գրոսմայստերին։

― Կրկնում եմ, որ գործնականում այդ կախված է միայն մեր ինքնագործունեությունից։ Գործի ողջ կազմակերպումը, կրկնում եմ, ես վերցնում եմ ինձ վրա։ Նյութական ոչ մի ծախս, եթե հաշվելու չլինենք հեռագրերի ծախսը։

Միաչքանին հրհրում էր իր զինակիցներին։

― Հը՞, ― հարցնում էր նա, ― ի՞նչ կասեք։

― Կսարքենք, կսարքենք, ― աղմկեցին վասյուկինցիները։

― Որքա՞ն փող է պետք այդ․․․ հեռագրերի համար։

― Ծիծաղելի մի գումար, ― ասաց Օստապը, ― հարյուր ռուբլի։

― Մեր դրամարկղում կա միայն քսանմեկ ռուբլի տասնվեց կոպեկ։ Այդ, իհարկե, մենք հասկանում ենք, շատ քիչ է․․․

Բայց գրոսմայստերը համակերպվող կազմակերպիչ դուրս եկավ։

― Լա՜վ, ― ասաց նա, ― տվեք ձեր քսան ռուբլին։

― Բա կհերիքի՞, ― հարցրեց միաչքանին։

― Առաջին մի երկու հեռագրին կհերիքի։ Իսկ հետո կսկսվեն նվիրատվությունները, և չենք իմանա, թե փողն ինչ անենք։

Փողերը ճամբորդական կանաչ պիջակի մեջ թաքցնելով, գրոսմայստերը հավաքվածներին հիշեցրեց իր դասախոսության և 160 տախտակի վրա միաժամանակյա սեանսի մասին, սիրալիր հրաժեշտ տվեց մինչև երեկո և գնաց «Կարտոնաժնիկ» ակումբը՝ Իպոլիտ Մատվեևիչին տեսության։

― Ես սոված եմ, ― ասաց Վորոբյանինովը ճռճռան ձայնով։

Նա արդեն նստել էր դրամարկղի փոքրիկ պատուհանի մոտ, բայց ոչ մի կոպեկ դեռ չէր հավաքել և չէր կարող նույնիսկ մի ֆունտ հաց գնել։ Առջևում դրված էր լարերից պատրաստած կանաչ մի զամբյուղ՝ փողը հավաքելու համար։ Միջին կարողության տեր ընտանիքներում նման զամբյուղի մեջ դանակներ ու պատառաքաղներ են դնում։

― Լսեցե՛ք, Վորոբյանինով ― բղավեց Օստապը, ― մեկ ու կես ժամով դադարեցրեք դրամարկղային գործարքները։ Գնանք ժողսնունդ ճաշելու։ Ճանապարհին կնգկարագրեմ սիտուացիան։ Ի, դեպ, ձեզ սափրվել և մաքրվել է պետք։ Դուք պարզապես բոսյակի տեսք ունեք։ Գրոսմեյստերը նման կասկածելի ծանոթներ չի կարող ունենալ։

― Ոչ մի տոմս չեմ ծախել, ― տեղեկացրեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Վնաս չունի։ Իրիկունը վրա կտան։ Քաղաքն արդեն ինձ նվիրաբերեց քսան ռուբլի՝ շախմատի միջազգային տուրնիր կազմակերպելու համար։

― Բա էլ ինչների՞ս է պետք միաժամանակյա խաղի սեանսը, ― փսփսաց ադմինիստրատորը։ ― Ախր կարող են ծեծլ։ Իսկ քսան ռուբլով մենք իսկույն ևեթ կարող ենք շոգենավ նստել, ― «Կարլ Լիբկնեխտը» հենց նոր եկավ վերևից, ― հանգիստ գնալ Ցարիցին և այնտեղ սպասել թատրոնի գալուն։ Միգուցե մեզ այնտեղ հաջողվի աթոռները հերձել։ Այդ դեպքում մենք հարուստներ ենք և ամեն ինչ մեզ է պատկանում։

― Սոված փորին չի կարելի այդպես հիմար բաներ ասել։ Դա բացասաբար է ազդում ուղեղի վրա։ Քսան ռուբլով գուցե և Ցարիցին հասնենք․․․ Իսկ ինչո՞վ ենք սնվելու։ Վիտամինները, թանկագին ընկեր պարագլուխ, ոչ ոքի հոր խերի չի տրվում։ Մինչդեռ էքսպանսիվ վասյուկինցիներից դասախոսության և սեանսի համար հնարավոր կլինի պոկել երեսուն ռուբլի։

― Կծեծե՛ն, ― դառնորեն ասաց Վորոբյանինովը։

― Իհարկե, ռիսկ կա։ Կարող են և կող ու կուշտներս ջարդել։ Ի դեպ, գլխումս մի միտք կա, որ համենայն դեպս ձեզ կապահովի վտանգից։ Բայց այդ մասին հետո։ Առայժմ գնանք ճաշակելու տեղական ճաշերը։

Երեկոյան ժամը վեցի մոտերքը կուշտ, սափրված և օդեկոլոնի բուրմունք արձակող գրոսմեյստերը մտավ «Կարտոնաժնիկ» ակումբի դրամարկղը։

Կուշտ և սափրված Վորոբյանինովը աշխույժ տոմս էր վաճառում։

― Հը, ո՞նց է, ― կամացուկ հարցրեց գրոսմեյստերը։

― Մուտքի՝ երեսուն և խաղի՝ քսան, ― պատասխանեց ադմինիստրատորը։

― Տասնվեց ռուբլի։ Վատ է, վատ։

― Ի՞նչ եք ասում, Բենդեր, տեսեք, թե ինչ հերթ է կանգնած։ Անխուսափելիորեն կծեծեն։

― Այդ մասին մի մտածեք։ Երբ ծեծելու կլինեն, լաց կլինեք, իսկ առայժմ մի հապաղեք։ Սովորեցեք առևտուր անել։

Մի ժամ անց դրամարկղում երեսուն ռուբլի կար։ Հասարակությունը դահլիճում հուզվում էր։

― Փակեցեք պատուհանը։ Դեսը տվեք փողը, ― ասաց Օստապը։ ― Այժմ ահա թե ինչ։ Վերցրեք հինգ ռուբլի, գնացեք նավահանգիստ, մի նավակ վարձեք երկու ժամով և գետափին, ամբարից մի քիչ ներքև սպասեցեք ինձ։ Մենք երեկոյան զբասանք կկատարենք։ Իմ մասին մի անհանգստացեք։ Ես այսօր ֆորմայի մեջ եմ։

Գրոսմեյստերը մտավ դահլիճ։ Նա իրեն առույգ էր զգում և հաստատ գիտեր, որ առաջին e2-e4 քայլը ոչ մի բարդություն չի սպասռնում։ Մնացած քայլերը, ճիշտ է, արդեն պատկերվում էին կատարյալ մշուշի մեջ, բայց դա բնավ չէր շփոթեցնում մեծ կոմբինատորին։ Նա պատրաստ ուներ միանգամայն անսպասելի մի ելք՝ նույնիսկ ամենահուսալի խաղը փրկելու համար։

Գրոմեսյտերին դիմավորեցին ծափահարություններով։ Ակումբի փոքր դահլիճը զարդարված էր գույնզգույն դրոշակներով։

Մի շաբաթ առաջ տեղի էր ունեցել «Ջրախեղդների փրկության ընկերության» երեկոն, որի մասին վկայում էր նաև պատին փակցրած լոզունգը․

Խեղդվողներին օգնելու գործը ― հենց խեղդվողների գործն է

Օստապը գլուխ տվեց, ձեռքերը պարզեց առաջ, ասես չընդունելով ոչ տեղին ծափահարությունները, և բարձրացավ բեմ։

― Ընկերնե՛ր, ― ասաց նա հիանալի ձայնով։ ― Շախմատի իմ ընկերնե՛ր ու եղբայրնե՛ր, իմ այսօրվա դասախոսության առարկան լինելու է այն, ինչի մասին մի շաբաթ առաջ ես կարդացել եմ և, պետք է խոստովանեմ, ոչ առանց հաջողության Նիժնի֊Նովգորոդում։ Իմ դասախոսության առարկան է՝ արդյունավետ դեբյուտային իդեան։ Ի՞նչ բան է, ընկերներ իդեան։ Իդեան, ընկերներ, ― դա մարդկային միտքն է՝ ամփոփված տրամաբանական շախմատային ձևի մեջ։ Չնչին ուժերով անգամ կարելի է տիրապետել ամբողջ տախտակը։ Ամեն ինչ կախված է յուրաքանչյուր անհատից առանձին֊առանձին վերցրած։ Օրինակ, հրեն երրորդ կարգում նստած այն շիկահերը։ Ենթադրենք, թե նա լավ է խաղում․․․

Երրորդ կարգի շիկահերը կարմրեց։

― Իսկ ահա այն թխահերը, ենթադրենք, թե վատ։

― Բոլորը շուռ եկան և զննեցին թխահերին։

― Ի՞նչ ենք տեսնում, ընկերներ։ Մենք տեսնում ենք, որ շիկահերը լավ է խաղում, իսկ թխահերը՝ վատ։ Եվ ոչ մի դասախոսություն ի վիճակի չէ փոխելու ուժերի այդ հարաբերությունը, եթե յուրաքանչյուր անհատ առանձին վերցրած մշտապես վարժություններ չկատարի շաշկիի․․․ այսինքն ուզում էի ասել շախմատի բնագավառում․․․ Իսկ հիմա, ընկերներ, ես մի քանի ուսանելի պատմություններ կանեմ մեր հարգարժան հիպերմոդեռնիստներ Կապաբլանկայի, Լասկերի, դոկտոր Գրիգորևի պրակտիկայից։

Օստապը աուդիտորիային պատմեց մի քանի հինավուրց անեկդոտներ, որ քաղել էր դեռևս մանկության օրերին «Կապույտ ժուռնալից», և դրանով վերջացրեց ինտերմեդիան։

Բոլորը փոքր֊ինչ զարմացած էին դասախոսության կարճատևությունից։ Եվ միաչքանին իր միակ աչքը չէր հեռացնում գրոսմայստերի կոշիկներից։

Սակայն միաժամանակյա խաղի սկսված սեանսը կասեցրեց միաչքանի շախմատիստի աճող տարակուսանքը։ Բոլորի հետ միասին նա սեղանները դասավորում էր «П» տառի ձևով։ Գրոսմայստերի դեմ խաղալու նստեցին ընդամենը երեսուն շախմատիստ։ Նրանցից շատերը բոլորովին շփոթված էին և ամեն րոպե նայում էին շախմատային դասագրքերին, հիշողության մեջ թարմացնելով այն բարդ վարիանտները, որոնց օգնությամբ հույս ունեին անձնատուր լինել գրոսմեյստերին գոնե քսաներկուերորդ քայլից հետո։

Օստապը հայացքը սահեցրեց «սևերի» տողանով, որոնք չորս կողմից շրջապատել էին նրան մինչև փակ դուռը և անվախ անցավ գործի։ Նա մոտեցավ առաջին տախտակի առջև նստած միաչքանուն և արքայական զիվորը е2 վանդակից տեղափոխեվեց e4 վանդակը։

Միաչքանին անմիջապես գլուխն առավ ձեռքերի մեջ և սկսեց լարված մտածել։ Սիրողների շարքերով շշուկ անցավ։

― Գրոսմեյստերը խաղաց e2-e4:

Օստապն իր հակառակորդներին երես չտվեց դեբյուտների բազմազանությամբ։ Մնացած քսանինը տախտակների վրա նա միևնույն օպերացիան կատարեց․ արքայական զինվորը «2֊ից քարշ տվեց e4 վանդակը։ Սիրողները մեկը մյուսի ետևից բռնում էին մազերից և խորասուզվում տենդագին դատողությունների մեջ։ Չխաղացողները ակնդետ հետևում էին գրոսմեյստերին։ Քաղաքի միակ ֆոտոսիրողն արդեն մի կերպ բարձրացել էր աթոռի վրա և պատրաստվում էր վառել մագնիումը, բայց Օստապը զայրացած ձեռքը թափահարեց և, ընդհատելով տախտակների երկարությամբ իր ընթացքը, բարձրաձայն բղավեց․

― Հեռացրե՛ք լուսանկարչին։ Նա խանգարում է իմ շախմատային մտածողությանը։

«Ինչ հարկ կա իմ լուսանկարը թողնելու այս քնձռոտ քաղաքում։ Ես չեմ սիրում գործ ունենալ միլիցիայի հետ», ― որոշեց նա մտքում։

Սիրողների զայրագին ֆշշոցն ստիպեց լուսանկարչին հրաժարվել իր փորձից։ Այնքան մեծ էր վրդովմունքը, որ լուսանկարչին նույնիսկ վռնդեցին շենքից։

Երրորդ քայլին պարզվեց, որ գրոսմեյստերը տասնութ տախտակների վրա խաղում է իսպանական պարտիա։ Մնացած տասներկուսում սևերը կիրառում են Ֆիլիդորի թեև հնացած, բայց բավականին հաստատ պաշտպանությունը։ Եթե Օստապն իմանար, որ ինքն այդքան խելացի պարտիաներ է խաղում և ընդհարվում է այդպես փորձված պաշտպանության հետ, անասելի կզարմանար։ Բանն այն է, որ մեծ կոմբինատորը կյանքում երկրորդ անգամն էր շախմատ խաղում։

Սկզբում սիրողները, և նրանց մեջ առաջինը՝ միաչքանին, սարսափեցին։ Գրոսմեյստերի նենգությունը կասկածից դուրս էր։

Գրոսմեյստերը անասելի հեշտությամբ և հոգու խորքում չարախնդալով Վասյուկի քաղաքի շախմատիստների վրա, աջ ու ձախ զոհաբերում էր զինվորներ, ծանր ու թեթև ֆիգուրներ։ Դասախոսության ժամանակ պախարակած թխահերին նա զոհեց նույնիսկ թագուհուն։ Թխահերը սարսափեց և կամենում էր անմիջապես անձնատուր լինել, բայց միայն կամքի ահավոր լարումով ստիպեց իրեն խաղը շարունակել։

Պարզկա երկնքում ամպրոպ ճայթեց հինգ րոպե անց։

― Մատ՝, ― թոթվեց մահացու ահուդողով բռնված թխահերը։ ― Ձեզ մա՛տ, ընկեր գրոսմեյստեր։

Օստապը վերլուծեց դրությունը, խայտառակ կերպով «ֆերզին» «թագուհի» անվանեց և վերամբարձ ոճով շնորհավորեց թխահերի հաղթանակը։ Սիրողների շարքերով խուլ գվվոց անվավ։

«Ճղելու ժամանակն է », ― մտածեց Օստապը հանգիստ անց ու դարձ անելով սեղանների արանքով և անփութորեն ֆիգուրաները տեղաշարժելով։

― Դուք ձին սխալ դրեցիք, ընկեր գրոսմեյստեր ― քծնեց միաչքանին։ ― Ձին այդպես չի գնում։

― Պարդոն, պարդոն, ներեցեք, ― պատասխանեց գրոսմեյստերը, ― դասախոսությունից հետո ես փոքր֊ինչ հոգնել եմ։

Մոտակա տասը րոպեի ընթացքում գրոսմեյստերը տանուլ տվեց ևս տասը խաղ։

Զարմացական բացականչություններ էին լսվում «Կարտոնաժնիկ» ակումբի շենքում։ Կոնֆլիկտը հասունանում էր։ Օստապն իրար ետևից տանուլ տվեց տասնհինգ խաղ, շուտով ևս երեքը։ Մնացել էր միայն միաչքանին։ Խաղի սկզբում նա վախից բազում սխալներ թույլ տվեց և հիմա դժվարությամբ խաղը տանում էր դեպի հաղթական վախճան։ Օստապը շրջապատողների համար աննկատելի տախտակի վրայից գողացավ սև նավակը և թաքցրեց գրպանում։

Բազմությունը խռնվեց խաղացողների շուրջը։

― Հենց նոր այստեղ կանգնած էր իմ նավակը, ― բղավեց միաչքանին, շուրջը նայելով, ― իսկ հիմա չկա։

― Չկա ուրեմն և չի եղել, ― կոպիտ պատասխանեց Օստապը։

― Ինչպե՞ս թե չի եղել։ Ես պարզ հիշում եմ։

― Իհարկե, չի եղել։

― Բա ի՞նչ եղավ։ Դուք տարե՞լ եք այն։

― Տարել եմ։

― Ե՞րբ։ Ո՞ր քայլի ժամանակ։

― Ի՞նչ եք գլուխս տանում ձեր այդ նավակով։ Եթե հանձնվում եք, հենց այդպես էլ ասացեք։

― Թույլ տվեք, ընկերներ, իմ բոլոր քայլերը գրի են առնված։

― Գրողը գրում է, ― ասաց Օստապը։

― Սա զայրացուցի՛չ է, ― բղավեց միաչքանին։ ― Տվե՛ք իմ նավակը։

― Հանձնվեք, հանձնվեք, մուկ ու կատու հո չենք խաղում։

― Տվե՛ք նավակը։

Այս խոսքերից հետո գրոսմեյստերը, գլխի ընկնելով, որ հապաղումը մահու է հավասար, մի բուռ ֆիգուրա վերցրեց և շպրտեց միաչքանի հակառոկորդի գլխին։

― Ընկերնե՛ր, ― ծղրտաց միաչքանին։ ― Նայեցեք բոլորդ։ Սիրողին ծեծում են։

Վասյուկի քաղաքի շախմատիստները շշմեցին։

Չկորցնելով թանկ ժամանակը, Օստապը շախմատի տախտակը շպրտեց լամպի վրա և վերահաս մթության մեջ, խփելով ոմանց ծնոտներին ու ճակատներին, դուրս վազեց փողոց։ Վասյուկինցի շախմատիստները հարայհրոցով ընկան նրա ետևից։

Լուսնկա իրիկուն էր։ Օստապը արծաթյա փողոցով սլանում էր թեթև, ինչպես մեղապարտ երկրից համբառնող հրեշտակ։ Վասյուկին տիեզերքի կենտրոն չվերածվելու հետևանքով ստիպված էր վազել ոչ թե պալատների, այլ դրսից փակոցափեղկեր ունեցող գերանաշեն տների միջով։

Ետևից սլանում էին շախմատիստները։

― Ժուլիկնե՜ր, ― դամ էին պահում մյուսները։

― Պիժոննե՛ր, ― գռմռում էր գրոսմեյստերը, արագությունն ավելացնելով։

― Հավա՜ր, ― բղավում էին խիստ նեղացած շախմատիստները։

Օստապը սկսեց ցատկոտել նավահանգիստ տանող սանդուղքով։ Նա իջնելու էր չորս հարյուր աստիճան։ Վեցերորդ հարթակի վրա նրան արդեն սպառնում էին երկու սիրողներ, որոնք այստեղ էին հասել լանջիվեր ձգված զարտուղի կածանով։ Օստապը ետ նայեց։ Վերևից շան ոհմակի նման թավալգլոր իջնում էր Ֆիլիդորի պաշտպանության կատաղի երկրպագուների մի խումբ։ Նահանջի տեղ չկար։ Ուստի և Օստապը վազեց առաջ։

― Այ ես հիմա ձեր հե՜րը կանիծեմ, ― բղավեց նա քաջ հետախույզների վրա նետվելով հինգերորդ հարթակից։

Ահաբեկված պլաստունները ախ քաշեցին, անցան ճաղաշարի վրայով և գլովեցին թմբերի ու ծերպերի մթության մեջ։ Ճանապարհն ազատ էր։

― Բռնեցեք գրոսմեյստերին, ― գլորվում էր վերևից։

Հետապնդողները վազում էին, թխկթխկացնելով փայտյա սանդուղքի վրա, ինչպես վայր ընկնող կեգլիի գնդակները։

Ափ դուրս գալով, Օստապը թեքվեց աջ, աչքերով փնտրելով նավակն ու իր հավատարիմ ադմինիստրատորին։

Իպոլիտ Մատվեևիչը իդիլիկորեն նստել էր նավակի մեջ։ Օստապն իրեն նետեց նստարանի վրա և սկսեց կատաղորեն թիավարել ափից։ Մի րոպե անց նավակի վրա քարեր թռան։ Դրանցից մեկը կպավ Իպոլիտ Մատվեևիչին։ Հրաբխային պզուկից մի քիչ վերև մի սև ուռուցք բուսեց նրա դեմքին։ Իպոլիտ Մատվեևիչը գլուխը թաքցրեց ուսերի մեջ և սկսեց նվնվալ։

― Ա՛յ քեզ փալաս։ Քիչ մնաց իմ գլուխը պոկեին, էլի ոչինչ, առույգ եմ ու կայտառ։ Իսկ եթե նկատի առնելու լինենք հիսուն ռուբլի զուտ եկամուտը, ապա ձեր գլխի մի ուռուցքի դիմաց բավականին կարգին հոնորար է դա։

Այդ միջոցին հետապնդողները, որոնք հենց հիմա էին հասկացել, որ տապալվել է Վասյուկին Նյու֊Մոսկվա դարձնելու պլանը և որ գրոսմեյստերը քաղաքից տանում է վասյուկինցիների դառը դատած հիսուն ռուբլին, նստեցին մի մեծ նավակ և գոռում֊գոչումով թիավարեցին գետի մեջտեղը։ Նավի մեջ խցկվել էին երեսուն հոգի։ Ամեն մեկն ուզում էր անձնապես մասնակցել գրոսմեյստերի դատաստանին։ Արշավախմբի հրամանատարն էր միաչքանին։ Նրա միակ աչքը փարոսի պես փայլատակում էր գիշերվա մեջ։

― Բռնի՛ր գրոսմեյստերին, ― ճչում էին չափից ավելի բեռնված նավակում։

― Հո՛ւպ տուր, Կիսա, ― ասաց Օստապը։ Եթե նրանք մեզ հասնեն, չեմ կարող երաշխավորել ձեր պենսնեի անվթարության համար։

Երկու նավակն էլ իջնում էին հոսանքն ի վար։ Նրանց միջև եղած տարածությունը գնալով կրճատվում էր։ Օստապը ուժասպառ էր լինում։

― Չե՛ք փախչի, ― սրիկաներ, ― բղավում էին բեռնանավից։

Օստապը չէր պատասխանում․ ժամանակ չուներ։ Թիերը դուրս էին պրծնում ջրից։ Ջրի շիթերը ցայտում էին կատաղած թիերից և թափվում նավակի մեջ։

― Հո՛ւպ տուր, ― շշնջում էր Օստապն ինքն իրեն։

Իպոլիտ Մատվեևիչը ուժասպառ էր եղել։ Բեռնանավը ցնծության մեջ էր։ Նրա բարձր իրանը ձախից արդեն շրջանցում էր կոնցեսիոներների նավակը, որպեսզի գրոսմայստերին սեղմեր ափին։ Ողբալի վիճակ էր սպսում կոցեսիոներներին։ Բեռնանավում այնքան մեծ էր ուրախությունը, որ բոլոր շախմատիստներն անցան աջ նավակողը, որպեսզի, նավակին հավասարվելով, գերազանց ուժերով հարձակվեն չարագործ գրոսմեյստերի վրա։

― Պահպանեցեք պեսնեն, Կի՛սա, ― հուսահատ բղավեց Օստապը, թիերը նետելով։ ― Հիմա կսկսվի։

― Պարոնա՛յք, ― բացականչեց հանկարծ Իպոլիտ Մատվեևիչն աքլորի ձայնով։ ― Մի՞թե դուք մեզ պիտի ծեծեք։

― Էն էլ ո՜նց, ― որոտացին վասյուկինցի շախմատիստները, պատրաստվելով ցատկել նավակի մեջ։

Բայց այդ պահին տեղի ունեցավ ամբողջ աշխարհի ազնիվ շախմատիստների համար խիստ վիրավորական մի դեպք։ Բեռնանավը անսպասելի կերպով թեքվեց և աջ նավակողով ջուր վերցրեց։

― Զգո՜ւյշ, ― ծղրտաց միաչքանի նավապետը։

Բայց արդեն ուշ էր։ Չափից շատ սիրողներ էին կուտակվել վասյուկինյան դրեդնոուտի աջ նավակողի վրա։ Ծանրության կենտրոնը փոխելով, բեռնանավը առանց տատանվելու և ֆիզիկայի օրենքներին միանգամայն համապատասխան շուռ եկավ։

Ընդհանուր վայնասունը խռովեց գետի անդորությունը։

― Վա՜յ, ― ծորուն հեծեծում էին շախմատիստները։

Բոլոր երեսուն սիրողներն էլ հայտնվեցին ջրում։ Նրանք արագ ջրի երեսն էին դուրս գալիս և մեկը մյուսի հետևից կառչում շուռ եկած բեռնանավից։ Վերջինը նավին մոտեցավ միաչքանին։

― Պիժոննե՛ր, ― հրճվանքով բղավում էր Օստապը։ ― Բա ինչո՞ւ չեք ծեծում ձեր գրոսմեյստերին։ Դուք, եթե չեմ սխալվում, ինձ ծեծել էիք ուզում։

Օստապը մի շրջան գործեց նավաբեկյալների շուրջը։

― Դուք հո հասկանում եք, վասյուկինցի անհատներ, որ ես ձեզ մեկ֊մեկ խեղդել կարող էի, բայց ես ձեզ կյանք եմ պարգևում։ Ապրեցե՛ք, քաղաքացիներ։ Միայն թե, ի սեր աստծո, շախմատ մի՛ խաղացեք։ Դուք ախր պարզապես խաղալ չգիտեք։ Է՜խ, դո՛ւք, պիժոննե՜ր․․․ Գնանք, Իպոլիտ Մատվեևիչ, շարժվենք առաջ։ Մնա՛ք բարով, միաչքանի սիրողներ։ Վախենամ, որ Վասյուկին տիեզերքի կենտրոն չդառնա։ Չեմ կարծում, թե շախմատի վարպետները գան ձեզ նման հիմարների մոտ, եթե նույնիսկ ես խնդրելու լինեմ նրանց։ Մնա՛ք բարով, շախմատային ուժեղ ապրումների սիրահարներ։ Կեցցե՛ «Չորս ձիերի ակումբը»։

Եվ այլք

Առավոտը կոնցեսիոներներին գտավ Չեբոքսարիի առջև։ Օստապը ննջել էր ղեկի մոտ։ Իպոլիտ Մատվեևիչը քնաթաթախ թիավարում էր։ Գիշերվա ցրտից երկուսն էլ սարսռում էին։ Արևելքում բացվում էին վարդի կոկոնները։ Իպոլիտ Մատվեևիչի պենսնեն գնալով պայծառանում էր։ Նրա ձվաձև ապակիները շողշողալ սկսեցին։ Նրանցում փոխնեփոխ անդրադառնում էին երկու ափերը։ Ձախ ափի սեմաֆորը ճկվեց երկգոգավոր ապակու մեջ։ Չեբոքսարիի կապույտ գմբեթները լողում էին նավերի նման։ Արևելքի այգին գնալով աճում էր։ Կոկոնները վերածվեցին հրաբուխների և սկսեցին հրուշակային ամենալավ գույների լավաներ ժայթքել։ Թռչունները ձախ ափին մեծ ու աղմկալից սկանդալ սարքեցին։ Պենսնեի ոսկյա աղեղիկը բռնկվեց և կուրացրեց գրոսմեյստերին։ Արևը ծագեց։

Օստապը բացեց աչքերը և ձգվեց, նավակը թեքելով և ոսկորները կոտրատելով։

― Բարի լո՛ւյս, Կիսա, ― ասաց նա հորանջից խեղդվելով։ ― Ես քեզ մոտ եկա ողջույնով, պատմելու, թե արևը ծագել է, որ նա իր տաք լույսով թրթռում է ինչ֊որ բանի վրա․․․

― Նավակայան, ― զեկուցեց Իպոլիտ Մատվեևիչը։

Օստապը դուրս քաշեց ուղեցույցը և տեղեկություն քաղեց։

― Դատելով ըստ ամենայնի՝ Չեբոքսարին է։ Այդպես, այդպես․․․

Ուշադրություն ենք դարձնում շատ գեղեցիկ դիրք ունեցող Չեբոքսարիի վրա․․․

― Կի՛սա, նա իսկապե՞ս գեղեցիկ դիրք ունի․․․

Ներկայումս, Չեբոքսարիում 7702 բնակիչ կա։

― Կի՛սա, եկեք թողնենք ադամանդների ետևից ընկնելը և Չեբոքսարիի բնակչության թիվը ավելացնենք մինչև յոթ հազար յոթ հարյուր չորս մարդ։ Հը՞։ Դա շատ էֆեկտավոր բան կլինի․․․ Բաց կանենք «Պտի֊շվո» և այդ «Պտի֊շվոյից» հաստատ մի կտոր հաց կունենանք․․ Դե, լսիր․

1555 թվականին հիմնված քաղաքը պահպանել է մի քանի խիստ հետաքրքիր եկեղեցիներ։ Չուվաշական հանրապետության վարչական հիմնարկներից բացի, այստեղ կան բանվորական ֆակուլտետ, կուս․ դպրոց, թանգարան, գիտական ընկերություն և գրադարան։ Չեբոքսարիի նավակայանում և շուկայում կարելի է տեսնել չուվաշների և չերեմիշների, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով․․․

Բայց նախքան բարեկամները կմոտենային նավակայանին, ուր կարելի էր տեսնել չուվաշների և չերեմիշների, նրանց ուշադրությունը գրավեց մի առարկա, որ լողում էր հոսանքով նավակի առջևում։

― Աթո՛ռ, ― բղավեց Օստապը։ ― Ադմինիստրատո՛ր։ Մեր աթոռը լողում է։

Կոմպանյոնները մոտեցան աթոռին։ Այն պտտվում էր, օրորվում, սուզվում էր ջրի տակ, նորից ելնում ջրի երեսը, հեռանալով կոնցեսիոներների նավակից։ Ջուրն ազատորեն լցվում էր նրա պատռված փորի մեջ։

Դա «Սկրյաբինի» վրա հերձած և հիմա դանդաղորեն դեպի կասպից ծով ընթացող աթոռն էր։

― Բարև բարեկամ, ― բղավեց Օստապը։ Վաղուց չենք տեսնվել։ Գիտե՛ք, Վորոբյանինով, այս աթոռը մեզ հիշեցնում է մեր կյանքը։ Մենք էլ լողում ենք հոսանքով։ Մեզ ջրախեղդ են անում, մենք ելնում ենք ջրի երեսը, թեև, թվում է, դրանով ոչ ոքի չենք ուրախացնում։ Մեզ ոչ ոք չի սիրում, եթե չհաշվենք Քրեական հետախուզությանը, որը նույնպես մեզ չի սիրում։ Ոչ ոք մեզ հետ գործ չունի։ Եթե երեկ շախմատասերներին հաջողվեր մեզ խեղդել, մեզանից կմնար միայն դիազննման արձանագրություն․ «Երկու դիակներն էլ պառկած էին ոտքերը հարավ֊արևելք, իսկ գլուխները հյուսիս֊արևմուտք դարձրած»։ Դիակի վրա պատառոտված վերքեր կան, ըստ երևույթին ինչ֊որ բութ գործիքով հասցված»։ Շախմատասերները հավանորեն մեզ կխփեին շախմատի տախտակներով։ Ինչ խոսք, որ բավականին բութ գործիք է․․․ «Առաջին դիակը պատկանում է հիսունհինգ տարեկան մի տղամարդու, հագին ունի պատառոտված լյուստրինե պիջակ, հին շալվար և հին սապոգներ։ Պիջակի գրպանում վկայական՝ քաղ․ Կոնրադ Կարլովիչ Միխելսոնի անունով․․․»։ Ահա թե, Կիսա, ինչ կգրեին ձեր մասին։

― Իսկ ձեր մասին ի՞նչ կգրեին, ― բարկացած հարցրեց Վորոբյանինովը։

― Օ՜, իմ մասին բոլորովին այլ բան կգրեին։ Իմ մասին այսպես կգրեին․ «Երկրորդ դիակը պատկանում է քսանյոթ տարեկան տղամարդու։ Նա սիրում և տառապում էր։ Նա փող էր սիրում և տառապում նրա պակասությունից։ Նրա բարձր ճակատով, կապտասև գանգուրներով եզրապատած գլուխը ուղղված է դեպի արևը։ Նրա քառասուներկու համարի կոշիկ կրող նրբագեղ ոտքերը ուղղված են հյուսիսափայլի կողմը։ Մարմինը զգեստավորված է սպիտակ անբիծ հագուստով, կրծքին սադափանախշ ոսկյա տավիղ և «Մնա՜ս բարով «Նոր գյուղ» ռոմանսի նոտաները։ Հանգուցյալ պատանին զբաղվում էր փայտի վրա շիկացած երկաթով փորագրելով, որն երևում է ֆրակի գրպանում հայտնաբերված տնայնագործական «Պեգաս և Պառնաս» արտելի 24 թվականի 23/8֊ին տված N 86/1562 վկայականից»։ Եվ ինձ, Կի՛սա, կթաղեն շքեղ, նվագախմբով, ճառերով և իմ հուշարձանի վրա փորագրված կինի՝ «Աստ հանգչի հայտնի ջերմատեխնիկ և կործանիչ Օստապ֊Սուլեյման֊Բերտա֊Մարիա Բենդեր֊բեյը, որի հայրը թուրքահպատակ էր և մեռավ ոչ մի ժառանգություն չթողնելով իր որդի Օստապ֊Սուլեյմանին։ Հանգուցյալի մայրը կոմսուհի էր և ապրում էր անաշխատ եկամուտներով»։

Այս կերպ զրուցելով, կոնցեսիոներները դեմ առան Չեբոքսարիի ափին։

Երեկոյան վասյուկինցիների նավակի վաճառքից եղած կապիտալը հինգ ռուբլով ավելացնելուց հետո, բարեկամները նստեցին «Ուրիցկի» ջերմանավը և գնացին Ցարիցին, հույս ունենալով ճանապարհին հասնել խաղարկության դանդաղաշարժ շոգենավին և Ցարիցինում հանդիպել կուլումբցիների խմբին։

«Սկրյաբինը» Ցարիցին ժամանեց հուլիսի սկզբին։ Բարեկամները դիմավորեցին նրան նավահանգստի արկղների ետևում թաքնված։ Բեռնաթափումից առաջ շոգենավի վրա տեղի ունեցավ խաղարկություն։ Մեծ շահումներ խաղարկվեցին։

Մոտ չորս ժամ ստիպված եղան սպասել աթոռներին։ Նախ շոգենավից վայր իջան կոլումբցիները և խաղարկության ծառայողները։ Նրանց միջև աչքի էր ընկնում Պերսիցկու շողացող դեմքը։

Կոնցեսիոներները, դարան մտած, լսում էին նրա բղավոցները․

― Այո՛։ Վայրկենապես մեկնում եմ Մոսկվա։ Հեռագիր արդեն ուղարկել եմ։ Եվ գիտե՞ք ինչպիսի։ «Ցնծում եմ ձեզ հետ»։ Թող գլխի ընկնեն։

Ապա Պերսիցկին նստեց վարձու ավտոմոբիլ, նախապես չորս կողմից զննելով ու ռադիատորը շոշափելով, և մեկնեց, չգիտես ինչու «ուռա» բացականչությունների տակ։

Շոգենավից հիդրավլիկ մամուլը իջեցնելուց հետո, սկսեցին դուրս բերել Կոլումբի իրեղեն ձևավորումը։ Աթոռները դուրս բերեցին, երբ արդեն մութն էր։ Կոլումբցիները բեռնվեցին զույգ ձիեր լծած ֆուրգոնների մեջ և ուրախ բացականչություններով քշեցին ուղիղ դեպի կայարան։

― Կարծես, Ցարիցինում սրանք չեն խաղալու, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։

Դա տարակուսանքի մեջ գցեց Օստապին։

― Ստիպված ենք գնալ, ― որոշեց նա, ― բայց ի՞նչ փողերով։ ― Ասենք, գնանք կայարան, այնտեղ կերևա։

Կայարանում պարզվեց, որ թատրոնը մեկնում է Պյատիգորսկ՝ Տիխորեցկի ― Հանքային ջրերի վրայով։ Կոնցեսիոներները միայն մի տոմսի փող ունեին։

― Դուք կարո՞ղ եք ձրի գնալ՝ նապաստակի պես, ― հարցրեց Օստապը Վորոբյանինովին։

― Կփորձեմ, ― վախվխելով ասաց Իպոլիտ Մատվեևիչը։

― Գրո՛ղը տանի։ Լավ է չփորձենք։ Այս անգամ էլ ներում եմ ձեզ։ Թող այդպես լինի, նապաստակի պես ես կգնամ։

Իպոլիտ Մատվեևիչի համար գնվեց անպլացկարտ, կոշտ վագոնի տոմս, որով և նախկին պարագլուխը ժամանեց Հյուսիսային Կովկասի երկաթուղու, կանաչավուն տակառների մեջ աճող դափնեվարդերով զարդարված «Հանրային ջրեր» կայարանը և, աշխատելով չերևալ գնացքից իջնող կոլումբցիների աչքին, սկսեց Օստապին փնտրել։

Թատրոնը վաղուց արդեն մեկնել էր Պայտիգորսկ, տեղավորվելով ամառանոցային նոր վագոնների մեջ, իսկ Օստապը դեռ չկար։ Նա եկավ երեկոյան կողմ և Վորոբյանինովին գտավ վատ տրամադրության մեջ։

― Որտե՞ղ էիք, հառաչեց պարագլուխը։ ― Ես այնպես տանջվեցի։

― Այդ դո՞ւք տանջվեցիք, տոմսը գրպանում ուղևորվելով։ Իսկ ես, ուրեմն, չե՞մ տանջվել։ Այդ ինձ չէ՞ր, հետևաբար, որ Տիխորեցկում վռնդեցին ձեր գնացքի բուֆերների վրայից։ Այդ նշանակում է, ես չէի նստել այնտեղ հիմարի պես երեք ժամ, սպասելով նարզանի դատարկ շշերով բեռնված ապրանքատար գնացքին։ Դուք խո՛զ եք, քաղաքացի պարագլուխ։ Որտե՞ղ է թատրոնը։

― Պյատիգորսկում։

― Մեկնե՛նք։ Ես որոշ բան չանթեցի ճանապարհին։ Զուտ եկամուտը արտահայտվում է երեք ռուբլով։ Դա, իհարկե, քիչ է, բայց կհերիքի նարզան խմելու և երկաթուղու տոմս գնելու։

Ամառանոցային գնացքը, սայլի պես ճռճռալով, հիսուն րոպեի ընթացքում ուղևորներին հասցրեց Պյատիգորսկ։ Կոնցեսիոներները Զմեյկայի և Բեշտաուի կողքով եկան֊հասան Մաշուկի ստորոտին։

Մալախիտե լճակի տեսարանը

Կիրակնօրյա իրիկուն էր։ Ամեն ինչ լվացված ու մաքրված։ Թփուտներով ու պուրակներով պատած Մաշուկն անգամ թվում էր խնամքով սանրված ու լեռնային վեժետալի հոտ էր զեղում։

Խաղալիքային կառամատույցի վրա երևում և անհետանում էին ամենատարբեր կարգի սպիտակ շալվարներ՝ սատանի կաշուց, ռագոժից, վուշե գործվածքից, պարուսինից և նուրբ ֆլանելից։ Այստեղ ման էին գալիս սանդալներով և «ապաշ» վերնաշապիկներով։ Կոնցեսիոներները ծանր ու կեղտոտ սապոգներով, ծանր ու փոշոտ շալվարներով, տաք ժիլետներով ու շիկացած պիջակներով խորթ էին զգում իրենց։ Ուրախ չթերի բազմազանության մեջ, որոնցով պճնվել էին կուրորտային օրիորդները, ամենից պայծառն ու ամենից նրբագեղը կայարանապետի կոստյումն էր։

Ի զարմանս բոլոր եկվորների կայարանապետը կին էր։ Կարմրաշեկ գանգուրները դուրս էին պրծել բոլորքին երկու արծաթյա տրեզներ կպցրած գլխարկի տակից։ Նա հագել էր համազգեստային սպիտակ կիտել և սպիտակ յուբկա։

Պետով լիուլի հիանալուց հետո, Կոլումբ թատրոնի Պյատիգորսկում ունենալիք գաստրոլների վերաբերյալ նոր փակցրած աֆիշաները կարդալուց և երկու հինգկոպեկանոց բաժակ նարզան խմելուց հետո ուղևորները մուտք գործեցին քաղաք՝ կայարան «Ծաղկանոց» գծի տրամվայով։ «Ծաղկանոց մտնելու համար վերցրին տասը կոպեկ։

«Ծաղկանոցում շատ երաժշտություն կար, շատ ուրախ մարդիկ և շատ քիչ ծաղիկ։ Սիմֆոնիկ նվագախումբը սպիտակ խեցու մեջ կատարում էր «Մոծակների պարը»։ Լերմոնտովյան գալերեայում նարզան էին վաճառում։ Նարզան էին վաճառում կիոսկներում և ձեռքի վրա։

Ոչ ոք գործ չուներ երկու կեղտոտ ադամանդ որոնողների հետ։

― Է՜խ, Կիսա, ― ասաց Օստապը, ― կյանքի այս տոնախմբությունում մենք օտար ենք։

Կուրորտում կոնցեսիոներները առաջին գիշերը անցկացրին նարզանի աղբյուրի մոտ։

Միայն այստեղ, Պյատիգորսկում, երբ Կոլումբի թատրոնը ապշած քաղաքացիների առջև երրորդ անգամ բեմադրում էր իր «Ամուսնությունը», կոմպանյոնները հասկացան գանձի ետևից ընկնելու ամբողջ դժվարությունը։ Թատրոն մուտք գործել, ինչպես նրանք առաջ ենթադրում էին, հնարավոր չէր։ Կուլիսների ետևում գիշերում էին Գալկինը, Պալկինը, Մալկինը, Չալկինը և Զալկինդը, որոնց մարկայով ստանալիքը թույլ չէր տալիս հյուրանոցում ապրելու։

Այդպես անցնում էին օրերը, և բարեկամները հալից ընկնում էին՝ գիշերելով Լերմոնտովի մենամարտի վայրում և սնվելով միջին կարողությամբ տուրիստների բեռները կրելով։

Վեցերորդ օրը Օստապին հաջողվեց ծանոթություն հաստատել մոնտյոր Մեչնիկովի, հիդրոմամուլի պետի հետ։ Այդ օրերին Մեչնիկովը, որը փողի բացակայության պատճառով խումարությունից դուրս էր գալիս ակունքից նարզան խմելով, սարսափելի վիճակում էր և, ինչպես Օստապն էր նկատել, շուկայում ինչ֊որ իրեր էր վաճառում թատրոնական ռեկվիզիտից։ Վերջնական համաձայնության եկան աղբյուրի մոտ՝ առավոտվա գինարգուքին։ Մոնտյոր Մեչնիկովը Օստապին դուսյա էր անվանում և համաձայնվում էր։

― Կարելի է, ― ասում էր նա, ― էդ մեկը միշտ էլ կարելի է, դույսա։ Մեծ ուրախությամբ, դուսյա։

Օստապն իսկույն գլխի ընկավ, որ մոնտյորը մեծ վարպետ է։

Համաձայնող կողմերը նայում էին մեկ մեկու աչքերին, գրկախառնվում, թփթփացնում էին իրար մեջքի և քաղաքավարի ծիծաղում էին։

― Դե՛, ― ասաց Օստապը, ամբողջ գործի համար մի տասանոց։

― Դո՜ւսյա, ― զարմացավ մոնտյորը։ ― Դուք ինձ չարացնում եք։ Ես նարզանից տանջված մարդ եմ։

― Բա որքա՞ն եք ուզում։

― Կես հարյուրանոց վեր դրեք։ Ախր գույքը պետական է։ Ես էլ տանջված մարդ եմ։

― Լավ։ Վերցրեք քսան։ Համաձա՞յն եք։ Է՜, աչքերիցդ երևում է, որ համաձայն եք։

― Համաձայնությունը արդյունք է կողմերի լրիվ չհակառակվելու դեպքում։

― Լավ է շարադրում, շանորդին, ― շշնջաց Օստապը Իպոլիտ Մատվեևիչի ականջին, ― սովորեցեք։

― Ե՞րբ կբերեք աթոռները։

― Աթոռները փողի դիմաց։

― Այդ կարելի է, ― ասաց Օստապը, առանց մտածելու։

― Փողն առաջուց, ― հայտարարեց մոնտյորը, ― առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները, կամ երեկոյան՝ փողը, իսկ հետևյալ օրվա առավոտյան աթոռները։

― Բայց միգուցե, այսօր՝ աթոռները, իսկ վաղը՝ փո՞ղը, ― հորցուփորձ էր անում Օստապը։

― Ես, ախր, դուսյա, տանջված մարդ եմ։ Նման պայմաններ հոգիս չի ընդունում։

― Բայց ախր ես, ― ասաց Օստապը, ― միայն վաղն եմ փող ստանալու հեռագրով։

― Այդ ժամանակ էլ կխոսենք, ― եզրակացրեց հաստակող մոնտյորը, ― իսկ առայժմ, դուսյա, բախտավոր մնացեք ակունքի մոտ, իսկ ես գնացի․ մամլիչի հետ կապված շատ գործեր ունեմ։ Սիմբիևիչը կոկորդիլոս է բռնում։ Էլ կարողություն չունեմ։ Իսկ միայն նարզանով ապրել կլինի՞։

Ու Մեչնիկովը, արևով հիանալի լուսավորված, հեռացավ։

Օստապը խստադեմ նայեց Իպոլիտ Մատվեևիչին։

― Ժամանակը, ― ասաց նա, ― որ մենք ունենք՝ փող է, որ մենք չունենք։ Կի՛սա, մենք պետք է կարիերա անենք։ Հարյուր հիսուն հազար ռուբլի և զրո֊զրո կոպեկը մեր առջևումն է։ Քսան ռուբլի է պետք միայն, որպեսզի գանձը մերը լինի։ Այս դեպքում ոչ մի բանից չպետք է խորշել։ Կամ պան, կամ չոբան։ Ընտրում եմ պանին, թեև նա որոշակի լեհ է։

Օստապը մտախոհ պտտվեց Վորոբյանինովի չորս բոլորը։

― Հանեցեք պիջակը, պարագլուխ, արագ, ― ասաց նա անսպասելիորեն։

Օստապը զարմացած Իպոլիտ Մատվեևիչի ձեռքից վերցրեց պիջակը, նետեց գետին և սկսեց կոխկռտել փոշոտ կոշիկներով։

― Ի՞նչ եք անում, ― աղաղակեց Վորոբյանինովը։ ― Տասնհինգ տարի է հագնում եմ այդ պիջակը և միշտ նոր է երևում։

― Մի՛ հուզվեք։ Շուտով արդեն նա նոր չի լինի։ Տվեք շլյապան։ Հիմա փոշի ցանեք ձեր շալվարի վրա և ջրեք նարզանով։ Արա՛գ։

Իպոլիտ Մատվեևիչը մի քանի րոպե անց գարշելիության աստիճանի կեղտոտվեց։

― Այժմ դուք հասունացաք և լիակատար հնարավորություն ունեք փող վաստակելու ազնիվ աշխատանքով։

― Իսկ ես ի՞նչ եմ անելու, ― արտասվալից ձայնով հարցրեց Վորոբյանինովը։

― Հուսով եմ, ֆրանսերեն գիտեք։

― Շատ վատ։ Գիմնազիական կուրսի սահմաններում։

― Հըմ․․․ Ստիպված եք գործել այդ սահմաններում։ Կարո՞ղ եք արդյոք ֆրանսերեն ասել հետևյալ ֆրազը․ «Պարոնայք, ես վեց օր է չեմ կերել»։

― Մոսյո, ― սկսեց Իպոլիտ Մատվեևիչը կմկմալով, ― մոսյո, հըմ, հըմ․․․ ժենե, կարծեմ ժե նե մանժ պա․․․ ― վեց, ― ոնց են ասում, էն, դե, տրուա, քատր, սենկ․․․ սիս․․․ սիս․․․ ժուր։ Նշանակում է, ժե նե մանժ պա սիս ժուր։

― Հա՜մա թե առոգանություն ունեք, Կի՛սա։ Ասենք, ի՜նչ պահանջես մուրացկանից։ Իհարկե, Եվրոպական Ռուսաստանի մուրացկանը շատ ավելի վատ է խոսում ֆրանսերեն, քան Միլյերանը։ Դե՛, Կիսուլյա, իսկ ի՞նչ սահմաններում գիտեք գերմաներեն։

― Ինչի՞ս է պետք այդ ամենը, ― բացականչեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Նրա համար, ― ասաց Օստպը ծանրակշիռ կերպով, ― որ հիմա գնալու եք «Ծաղկանոց», կանգնելու եք ստվերում և ողորմություն եք խնդրելու ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով, ընդգծելով, որ դուք պետական դումայի նախկին անդամ եք կադետների ֆրակցիայից։ Զուտ արդյունքը ամբողջությամբ կհանձնվի մոնտյոր Մեչնիկովին։ Հասկացա՞ք։

Իպոլիտ Մատվեևիչը կերպարանափոխվեց։ Նրա կուրծը փքվեց, ինչպես Լենինգրադի Դվորցովի կամուրջը, աչքերից կրակ ցայտեց և ռունգերից, ինչպես թվաց Օստապին թանձր ծուխ հորդեց։ Բեղերը կամաց֊կամաց սկսեցին վեր բարձրանալ։

― Ա՛յ֊ա՛յ֊այ, ― ասաց մեծ կոմբինատորը բնավ չվախենալով, ― մի սրա՜ն նայեցեք։ Մարդ չէ, այլ ինչ֊որ կուզիկ֊քուռկիկ։

― Երբե՛ք, ― սկսեց հանկարծ որովայնախոսել Իպոլիտ Մատվեևիչը, ― Վորոբյանինովը երբեք ձեռք չի պարզել։

― Դե, ուրեմն, ոտքներդ կպարզեք, ծեր հիմար, ― բղավեց Օստապը։ ― Դուք ձեռք չեք պարզե՞լ։

― Չեմ պարզել։

― Ինչպես է ձեզ դուր գալիս այս ալֆոնիզմը։ Երեք ամիս է՝ ապրում եք իմ հաշվին։ Երեք ամիս է՝ կերակրում եմ նրան, խմեցնում ու դաստիարակում, և այս ալֆոնսը հիմա երրորդ դիրք է բռնում և հայտարարում, թե ինքը․․․ Դե՛, բավական է, ընկեր։ Երկուսից մեկը․ կամ հենց հիմա կգնաք «Ծաղկանոց» և իրիկվա դեմ կբերեք տասը ռուբլի, կամ ես ձեզ ավտոմատիկ կերպով հանում եմ փայատեր֊կոնցեսիոներների ցուցակից։ Հաշվում եմ մինչև հինգը։ Այո կամ ոչ։ Մե՛կ․․․

― Այո, ― փնթփնթաց պարագլուխը։

― Այդ դեպքում կրկնեցեք աղերսանքը։

― Մոսյո, ժե նե մանժ պա սիս ժուր։ Գեբեն դի միրրիտտե էտվաս կոպեկ աուֆ դեմ շտյուկ բրոդ։ Ողորմացեք որևէ բան պետական դումայի նախկին դեպուտատին։

― Մի անգամ էլ։ Ավելի պաղատագի՛ն։

Իպոլիտ Մատվեևիչը կրկնեց։

― Դե լավ։ Մուրացկանության տաղանդը մանկուց է ձեր մեջ դրված։ Գնացեք։ Ժամադրություն աղբյուրի մոտ կես գիշերին։ Նկատի ունեցեք, ռոմանտիկայի համար չէ սա, այլ պարզապես՝ երեկոները ավելի շատ են տալիս։

― Իսկ դուք, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը, ― ո՞ւր եք գնալու։

― Իմ մասին մի անհանգստացեք։ Ես, ինչպես միշտ, գործում եմ ամենադժվարին տեղում։

Բարեկամները բաժանվեցին։

Օստապը վազեց գրենական պիտույքների խանութը, այնտեղ վերջին տասը կոպեկով գնեց անդորագրի գրքույկ և մոտ մի ժամ քարե պատվանդանի վրա նստած համարակալում էր անդորագրերը և ստորագրում ամեն մեկի վրա։

― Ամենից առաջ սիստեմ, ― շշնջում էր նա, ― հասարակական յուրաքանչյուր կոպեկ հաշվի պետք է առնել։

Մեծ կոմբինատորը հրաձգային քայլերով շարժվեց լեռնային ճանապարհով, որը Մաշուկը շրջանցելով, սանատորիաների և հանգստյան տների կողքով տանում էր Լերմոնտովի և Մարտինովի մենամարտի վայրը։

Իրեն անցնող ավտոբուսների և երկձի կառքերի ետևից Օստապը դուրս եկավ Պրավալի մոտ։

Ժայռի մեջ փորած փոքրիկ գալերեան տանում էր դեպի կոնաձև խորխորատը։ Գալերեան վերջանում էր փոքրիկ պատշգամբով, որի վրա կանգնած Պրավալի հատակին կարելի է տեսնել գարշահոտ հեղուկի մալախիտե մի լճակ։ Այդ Պրավալը համարվում է Պյատիգորսկի տեսարժան վայրերից մեկը, ուստի և օրվա ընթացքում այնտեղ այցելում են մեծ թվով էքսկուրսիաներ և միայնակ տուրիստներ։

Օստապն իսկույն պարզեց, որ Պրավալը նախապաշարումներից զուրկ մարդու համար եկամուտի աղբյուր կարող է լինել։

«Զարմանալի բան, ― խորհրդածում էր Օստապը, ― ինչպես է, որ քաղաքը մինչև օրս գլխի չի ընկել տասը կոպեկ վերցնելու Պրավալ մտնելու համար։ Դա միակ տեղն է, կարծես, ուր պայտիգորցիները առանց փողի են ներս թողնում տուրիստներին։ Ես կոչնչացնեմ ամոթալի այդ բիծը քաղաքի բարեհամբավ անունի վրայից, ես կուղղեմ վրդովեցուցիչ զանցառությունը»։

Եվ Օստապը վարվեց այնպես, ինչպես թելադրեց նրա բանականությունը, առողջ բնազդը և ստեղծված իրադրությունը։

Նա կանգնեց Պրավալի մուտքի մոտ և, անդորագրերի գրքույկը ձեռքին խաղացնելով ժամանակ առ ժամանակ բացականչում էր․

― Տոմսեր ձեռք բերեք, քաղաքացինե՛ր։ Տա՛սը կոպեկ։ Երեխաներին և կարմիրբանակայիններին՝ ձրի։ Ուսանողներին՝ հինգ կոպեկ։ Ոչ պրոֆմիության անդամներին՝ երեսուն կոպեկ։

Օստապը հաստատ գործ էր բռնել։ Պյատիգորսկցիները Պրավալ չեն գնում, իսկ սովետական տուրիստից «ինչ֊որ տեղի» մուտքի համար տասը կոպեկ պոկելը ոչ մի ջանք չէր պահանջում։ Ժամը հինգի մոտերքը արդեն հավաքվել էր վեց ռուբլի։ Օգնեցին ոչ պրոֆմիության անդամները, որոնցից շատ կային Պյատիգորսկում։ Բոլորն էլ դյուրահավատորեն տալիս էին իրենց տասը կոպեկանոցները, և մի կարմրաթուշ տուրիստ, տեսնելով Օստապին, հաղթականորեն ասաց կնոջը։

― Տեսնում ես, Տանյուշա, երեկ ի՞նչ էի ասում քեզ։ Իսկ դու ասում էիր, թե Պրավալի մուտքի համար վճարել պետք չէ։ Չի՛ կարող պատահել։ Ճիշտ չէ՞, ընկեր։

― Միանգամայն ճիշտ է, ― հաստատեց Օստապը, ― չի կարող պատահել, որ մուտքի համար չվերցնեն։ Պրոֆմիության անդամներին՝ տասը կոպեկ և ոչ պրոֆմիության անդամներին՝ երեսուն կոպեկ։

Իրիկվա դեմ երկու լինեյկաներով Պրավալին մոտեցավ Խարկովի միլիցիոներների էքսկուրսիան։ Օստապը վախեցավ և այն է ուզում էր անմեղ տուրիստ ձևանալ, բայց միլիցիոներները այնպես քաշվելով խռնվեցին մեծ կոմբինատորի շուրջը, որ այլևս նահանջելու ճանապարհ չկար։ Ուստի և Օստապը բավականին պինդ ձայնով բղավեց․

― Պրոֆմիության անդամներին՝ տասը կոպեկ, բայց քանի որ միլիցիայի ներկայացուցիչները կարող են հավասարեցվել ուսանողներին և երեխաներին, ապա նրանցից հինգական կոպեկ։

Միլիցիոներները վճարեցին, քաղաքավարի տեղեկանալով, թե ինչ նպատակով են գանձվում այդ հինգ կոպեկանոցները։

― Պրավալի կապիտալ վերանորոգման նպատակով, ― հանդգնորեն պատասխանեց Օստապը, ― որպեսզի շատ չփլվի։

Մինչդեռ մեծ կոմբինատորը ճարպկորեն վաճառում էր մալախիտե լճակի տեսարանը, Իպոլիտ Մատվեևիչը կորացած և ամոթից խեղդվելով կանգնել էր ակացիայի տակ և, զբոսնողների վրա չնայելով, ծամծմում էր իրեն հանձնված երեք ֆրազները․

― Մոսյո, ժե նե մանժ պա․․․ Գերեն զի միր բրիտտե․․․ Ողորմություն արեք Պետական դումայի պատգամավորին․․․

Ողորմություն էին տալիս ոչ թե քիչ, այլ մի տեսակ դժկամորեն։ Սակայն խաղալով «մանժ» բառի փարիզյան մաքուր առոգանության վրա և սրտերը հուզելով Պետական դումայի նախկին անդամի թշվառ վիճակով, հաջողվեց մի երեք ռուբլու պղնձե դրամ հավաքել։

Զբոսնողների ոտքերի տակ ճարճատում էր մանրախիճը։ Նվագախումբը փոքրիկ ընդմիջումներով կատարում էր Շտրաուս, Բրամս և Գրիգ։ Ուրախ բազմությունը, կարկաչելով, անցնում էր հին պարագլխի կողքով և ետ վերադառնում։ Լերմոնտովի ստվերն անտեսանելիորեն սավառնում էր վերանդայի բուֆետում մածուն ճաշակող քաղաքացիների գլխավերևում։ Օդեկոլոնի և նարզանային գազերի հոտ էր փչում։

― Ողորմացեք Պետական դումայի նախկին անդամին, ― փնթփնթում էր պարագլուխը։

― Ասացե՛ք, դուք իսկապե՞ս եղել եք Պետական դումայի անդամ, ― լսվեց Իպոլիտ Մատվեևիչի ականջի տակ։ ― Եվ դուք իրո՞ք գնում էիք նիստերին։ Ա՛խ, ա՛խ։ Բա՛րձր դաս։

Իպոլիտ Մատվեևիչը դեմքը բարձրացրեց և քարացավ մնաց։ Նրա առջև ճնճղուկի նման թռչկոտում էր հաստլիկ Աբեսալոմ Վլադիմիրովիչ Իզնուրենկովը։ Նա Լոձի դարչնագույն կոստյումը փոխել էր սպիտակ պիջակով և կայծկլտող մոխրագույն շալվարով։ Նա արտասովոր կերպով կայտառ էր և երբեմն գետնից մի հինգ վերշոկ վեր֊վեր էր ցատկում։ Իզնուրենկովը չճանաչեց Իպոլիտ Մատվեևիչին և շարունակեց հարցեր տեղալ նրա գլխին։

― Ասացեք, դուք իսկապե՞ս տեսել եք Ռոձյանկոյին։ Պուրիչկևիչն իսկապե՞ս ճաղատ էր։ Ա՛խ, ա՛խ։ Ի՞նչ թեմա։ Բա՛րձր դաս։

Շարունակելով ցատկոտել, Իզնուրենկովը երեք ռուբլի խոթեց շփոթված պարագլխի ձեռքը և փախավ։ Բայց դեռ երկար ժամանակ «Ծաղկանոցում» առկայծում էին նրա հաստլիկ ազդրերը և ասես ծառերից թափվում էր․

Ա՛խ, ա՛խ։ «Ո՛վ գեղեցկուհի, մի երգիր ինձ մոտ դու Վրաստանի երգերը թախծոտ»։ Ա՛խ, ա՛խ։ «Հիշեցնում են ինձ այս պահին նրանք հեռավոր մի ափ և ուրիշ մի կյանք․․․» Ա՛խ, ա՛խ։ «Իսկ առավոտյան նա դարձյալ ժպտում էր»։ Բա՛րձր դաս․․․

Իպոլիտ Մատվեևիչը կանգնել մնացել էր, ― աչքերը գետնին գցած։ Եվ զուր էր այդպես կանգնել։ Շատ բան չէր տեսնում նա։

Պյատիգորսկյան գիշերվա հիասքանչ խավարում պարկի ծառուղիներով զբոսնում էր Էլլոչկա Շչուկինան, իր ետևից քարշ տալով հետը հաշտված խոնարհ Էռնեստ Պավլովիչին։ Թթու ջրեր մեկնելը Վանդերբիլդի դստեր դեմ մղվող ծանր պայքարի վերջին ակորդն էր։ Հպարտ ամերիկուհին վերջերս զվարճանալու նպատակով սեփական զբոսանավով մեկնել էր Սանդվիչյան կղզիները։

― Խո՛֊խո՛, ― հնչում էր գիշերվա լռության մեջ։ ― Նշանավո՜ր է։ Լազա՜թ։

Լամպերով լուսավորված բուֆետում նստել էր երկնագույն գող Ալխենը իր ամուսին Սաշխենի հետ, որի այտերը առաջվա պես զարդարված էին նիկոլաևյան կիսաբակենբարդներով։ Ալխենը քաշվելով ղարսի խորոված էր ուտում, վրայից կախետի N2 խմելով, իսկ Սաշխենը բակենբարդները սղալելով, սպասում էր պատվիրած թառափ ձկանը։

Սոցապի երկրորդ տան լիկվիդացումից հետո (ամեն ինչ վաճառվել էր, ներառյալ նույնիսկ խոհարարի թասակը և «Կերակուրը լավ ծամելով, դու օգնում ես հասարակությանը», ― լոզունգը)։ Ալխենը որոշել էր հանգստանալ և զվարճանալ։ Բախտն ինքը հովանավորում էր այդ կուշտ ժուլիկին։ Այդ օրը նա պատրաստվում էր գնալ Պրավալ, բայց չհասցրեց։ Դա փրկեց նրան․ Օստապն այդ վախկոտ տնտեսվարից կկթեր ոչ պակաս քան երեսուն ռուբլի։

Իպոլիտ Մատվեևիչը քարշ եկավ դեպի աղբյուրը միայն այն ժամանակ, երբ երաժիշտները հավաքեցին իրենց պյուպիտրները, տոնական հասարակությունը ցրվեց և միայն սիրահարված զույգերն էին ուժգնորեն շնչում «Ծաղկանոցի» վտիտ ծառուղիներում։

― Որքա՞ն հավաքեցիք, ― հարցրեց Օստապը․ երբ պարագլխի կորացած կերպարանքը հայտնվեց աղբյուրի մոտ։

― Յոթ ռուբլի քսանինը կոպեկ։ Երեք ռուբլին թղթադրամով։ Մնացածները՝ պղինձ ու մի քիչ էլ արծաթ։

― Առաջին գաստրոլի համար հրաշալի է։ Պատասխանատու աշխատողի դրո՛ւյք։ Դուք ինձ հուզում եք, Կիսա, բայց, կուզենայի իմանալ, այդ որ հիմարն է ձեզ երեք ռուբլի տվել։ Միգուցե՝ մա՞նր եք վերդարձրել։

― Իզնուրենկովը տվեց։

― Չի կարող պատահել։ Աբեսալո՞մը։ Գունդուկծիկի՜ն տես։ Ո՞ր կողմը գլորվեց։ Դուք նրա հետ խոսեցի՞ք։ Ա՜խ, նա ձեզ չճանաչեց։

― Հարցուփորձ էր անում Պետական դումայի մասին։ Ծիծաղում էր։

― Այ տեսնում եք, պարագլուխ, մուրացկան լինելը այնքան էլ վատ բան չէ, մանավանդ չափավոր կրթության և ձայնի թույլ դրվածքի դեպքում։ Իսկ դուք դեռ կոտրատվում էիք, լորդ֊կնքապահ էիք ձևացնում ձեզ։ Դեհ, Կիսոչկա, ես էլ ժամանակը իզուր չեմ անցկացրել։ Տանհինգ ռուբլի մի կոպեկի պես։ Ընդամենը՝ կհերիքի։

Մյուս առավոտ մոնտյորը ստացավ փողը և երեկոյան քարշ տվեց երկու աթոռ։ Երրորդ աթոռը, իր ասելով, ոչ մի կերպ հնարավոր չէր վերցնել։ Հնչյունային ձևավորումը նրա վրա թուղթ էր խաղում։

Ավելի մեծ ապահովության համար բարեկամները բարձրացան Մաշուկ լեռան համարյա թե գագաթը։

Ներքևում անշարժ և հաստատուն լույսերով շողշողում էր Պյատիգորսկը։ Պյատիգորսկից քիչ ներքևի թույլ լույսերը նշանակում էին Գորյաչեվոդսկայա ստանցիան։ Հորիզոնում լեռան ետևից երկու զուգահեռ կետագծերով գլուխը դուրս էր հանել Կիսլովոդսկը։

Օստապը նայեց աստղալից երկնքին և գրպանից հանեց մեզ արդեն հայտնի տափակաբերան աքցանը։

Կանաչ հրվանդանը

Ինժեներ Բռունսը նստել էր Կանաչ Հրվանդան ամառանոցի քարե պատշգամբում, մեծ արմավենու տակ, որի օսլայած տերևները սուր ու նեղ ստվերներ էին գցում ինժեների սափրված ծոծրակին, սպիտակ վերնաշապկին և գեներալշա Պոպովայի գարնիտուրից գնած հաբսյան աթոռին, որի վրա նստած ինժեները տանջվում էր, ճաշի սպասելով։

Բռունսը խողովակաձև երկարացրեց հաստ ու հյութեղ շրթունքները և չարաճճի ճստլիկի պես ծոր տվեց․

― Մ֊ո՜ւ֊ու֊սիկ։

Ամառանոցը լուռ էր։

Արևադարձային բուսականությունը գուրգուրում էր ինժեներին։ Կակտուսները իրենց ոզնու ձեռնոցներն էին մեկնում նրան։ Վիշապածառերը շառաչում էին իրենց տերևներով։ Բանաններն ու սագոյի արմավենիները ճանճերն էին քշում ինժեների ճաղատից։ Պատշգամբը պարուրած վարդերը թափվում էին նրա սանդալների վրա։

Բայց ամեն ինչ զուր էր։ Բռունսը ճաշել էր ուզում։ Նա ջղայնացած նայում էր սադափե ծովախորշին և ծոր տալով կանչում էր․

― Մու֊ու֊ու֊սիկ։ Մո՜ւ֊ու֊ուսիկ։

Մերձարևադարձային խոնավ օդում ձայնը արագ մարում էր։ Պատասխան չկար։ Բռունսը պատկերացրեց մեծ դարչնագույն սագին թշշացող յուղալի կաշվով և, դիմանալու ուժ չունենալով գոչեց․

― Մո՜ւդիկ։ Սագիկը պատրա՞ստ է։

― Անդրեյ Միխայլովիչ, ― բղավեց կանացի մի ձայն սենյակից։ ― Գլուխս մի տանի։

Շրթունքներին սովորականի պես խողովակի ձև տալով, ինժեներն անմիջապես պատասխանեց․

― Մո՛ւսիկ։ Դու չե՞ս խղճում քո փոքրիկ ամուսնյակին։

― Կորի՛ր, շատակե՛ր, ― պատասխանեցին սենյակից։

Բայց ինժեները չհնազանդվեց։ Նա այն է պատրաստվում էր շարունակելու սագին ուղղված կոչերը, որն արդեն երկու ժամ է ապարդյուն անում էր, բայց անսպասելի մի խշրտոց ստիպեց նրան շուռ գալ։

Բամբուկի կանաչասև մացառուտից դուրս եկավ մի մարդ՝ պատառոտված կապույտ շեղօձիք վերնաշապիկով, ծոպավոր ոլորուն թոկով գոտևորված և զոլավոր մաշված շալվարով։ Անծանոթի բարի դեմքի վրա ցցվել էր գզգզված մորուքը։ Ձեռքին բռնել էր պիջակը։

Մարդը մոտեցավ և հաճելի ձայնով հարցրեց․

― Այստեղ որտեղ է գտնվում ինժեներ Բռունսը։

― Ինժեներ Բռունսը ես եմ, ― ասաց սագիկին հմայողը անսպասելի բասով։ ― Ինչո՞վ կարող եմ ծառայել։

Մարդը լուռումունջ ծնկի եկավ։ Դա տեր Ֆյոդորն էր։

― Գժվե՞լ եք, ինչ է, ― բացականչեց ինժեները, տեղից ցատկելով։ ― Վե՛ր կացեք, խնդրեմ։

― Չեմ վեր կենա, ― պատասխանեց տեր Ֆյոդորը գլուխը ինժեների ետևից պտտեցնելով և ջինջ աչքերով նայելով նրան։

― Վե՛ր կացեք։

― Չեմ վերկենա։

Եվ տեր Ֆյոդորը զգուշորեն, որպեսզի ցավ չզգա, գլուխն սկսեց թխկթխկացնել մանրախճերին։

― Մո՛ւսիկ։ Ե՛կ այստեղ, ― բղավեց վախեցած ինժեները։ ― Տես, թե ինչ է կատարվում։ Վե՛ր կացեք խնդրում եմ։ Աղաչում եմ ձեզ։

― Չեմ վերկենա, ― կրկնեց տեր Ֆյոդորը։

Պատշգամբ վազեց Մուսիկը, որը լավ գլուխ էր հանում ամուսնու ձայնի ելևէջներից։

Դամային տեսնելով տեր Ֆյոդորը ծնկաչոք, ճարպկորեն սողալով մոտեցավ նրան, խոնարհ գլուխ տվեց և արագ֊արագ վրա տվեց․

― Ձեզ վրա է, տիրուհիս, ձեզ վրա է, աղավնյակս, ձեզ վրա է իմ հույսը։

Այդ ժամանակ Բռունսը կարմրեց, բռնեց խնդրողի կռնատակերից և, զոռ տալով, բարձրացրեց նրան, որպեսզի ոտքի կանգնեցնի, բայց տեր Ֆյոդորը խորամանկություն բանեցրեց և ոտքերը կուչ ածեց։ Զայրացած Բռունսը տարօրինակ հյուրին քարշ տվեց անկյուն և բռնությամբ նստեցրեց կիսաբազկաթոռին (հաբսյան, բնավ ոչ Վորբյանինովի առանձնատան, այլ գեներալշա Պոպովայի հյուրասենյակի)։

― Չեմ համարձակվում, ― քրթմնջաց տեր Ֆյոդորը, ծնկին դնելով հացթուխի՝ նավթի հոտ բուրող պիջակը, ― չեմ համարձակվում նստել բարձրաստիճան անձնավորությունների ներկայությամբ։

Եվ տեր Ֆյոդորը նորից փորձ արեց ծունկի իջնելու։

Ինժեները տխուր ճիչով բռնեց տեր Ֆյոդորի ուսերից։

― Մուսիկ, ― ասաց նա, ծանր շնչելով, ― խոսիր այս քաղաքացու հետ։ Այստեղ ինչ֊որ թյուրիմացություն կա։

Մուսիկն անմիջապես գործնական տոն վերցրեց։

― Իմ տանը, ― ասաց նա սպառնալից, ― խնդրում եմ ոչ մի ծունկի չիջնել։

― Աղունի՜կս, ― մեղմացավ տեր Ֆյոդորը։ ― Տիրուհի՜ս։

― Ոչ մի տիրուհի էլ չեմ ձեզ համար։ Ի՞նչ եք կամենում։

Տերտերն ինչ֊որ անհասկանալի, բայց սիրալիր բաներ կմկմաց։ Երկար հարցուփորձից հետո միայն հաջողվեց հասկանալ, որ նա իբրև առանձնահատուկ շնորհ խնդրում է ծախել իրեն տասներկու աթոռից բաղկացած գարնիտուրը, որոնցից մեկի վրա ներկա մոմենտին նստած է։

Ինժեները զարմանքից բաց թողեց տեր Ֆյոդորի ուսերը, որն անմիջապես թրմփաց ծնկներին և սկսեց կրիայի պես սողալ ինժեների ետևից։

― Ինչո՞ւ, ― բղավում էր ինժեները, խույս տալով տեր Ֆյոդորի երկար ձեռքերից, ― ինչո՞ւ ես պետք է ծախեմ իմ աթոռները։ Ինքան էլ որ ծունկի իջնեք, ես ոչինչ հասկանալ չեմ կարող։

― Ախր դրանք իմ աթոռներն են, ― հեծեծաց տեր Ֆյոդորը։

― Այսինքն ինչպե՞ս թե ձերն են։ Որտեղի՞ց են ձերը։ Խելքներդ թռցրե՞լ եք։ Մո՛ւսիկ, հիմա ինձ համար ամեն ինչ պարզ է։ Սա որոշակի պսիխ է։

― Ի՛մն են, ― նվաստորեն պնդում էր տեր Ֆյոդորը։

― Ինչ է, ձեր կարծիքով ուրեմն ես ձեզանից գողացե՞լ եմ, ― տաքացավ ինժեները։ ― Գողացե՞լ եմ։ Լսում ես, Մուսիկ։ Սա ինչ֊որ շանտաժ է։

― Աստված ոչ անի, ― շշնջաց տեր Ֆյոդորը։

― Եթե ես ձեզանից գողացել եմ, ապա պահանջեցեք դատարանով և իմ տանը սատանի դժոխք մի սարքեք։ Լսո՛ւմ եք։ Մուսիկ։ Մինչև որտեղ է հասնում անպատկառությունը։ Չեն էլ թողնում մարդավարի ճաշել։

Ոչ, տեր Ֆյոդորը չէր ուզում դատարանով պահանջել «իր» աթոռները։ Ամենևին։ Նա գիտեր, որ ինժեներ Բռունսն իրենից աթոռներ չի գողացել։ Օ, ո՛չ։ Նրա մտքովն անգամ այդ բանը չի անցել։ Բայց և այնպես այդ աթոռները մինչև հեղափոխությունը պատկանում էին իրեն, տեր Ֆյոդորին, և նրանք անսահմանորեն թանկ են հենց հիմա Վորոնեժում մահացող իր կնոջ համար։ Կատարելով նրա կամքը, և ոչ թե իր սեփական հանդգնությամբ, նա թույլ տվեց իրեն իմանալ աթոռների գտնվելու տեղը և ներկայանալ քաղաքացի Բռունսին։ Տեր Ֆյոդորը ողորմություն չի խնդրում։ Օ, ո՛չ։ Նա բավականին ապահովված է (Սամարայում մի փոքրիկ մոմի գործարան), որպեսզի հին աթոռների գնումով քաղցրացնի կնոջ վերջին րոպեները։ Նա պատրաստ է ժլատություն չանել և ամբողջ գարնիտուրի դիմաց վճարել քսան ռուբլի։

― Ի՞նչ, ― բղավեց ինժեները շիկնելով։ ― Քսան ռուբլի՞։ Հյուրասենյակի հիանալի գարնիտուրի դիմա՞ց։ Մո՛սիկ։ Դու լսո՞ւմ ես։ Այնուամենայնիվ սա պսիխ է։ Աստված վկա, պսիխ է։

― Ես պսիխ չեմ։ Այլ միայն կատարելով կամքն ինձ ուղարկող կնոջն իմո․․․

― Օ՜, սատանա, ― ասաց ինժեները, ― նորից սողալ սկսեց։ Մո՛ւսիկ։ Նա նորից սողում է։

― Գին նշանակեցեք, ― հեծում էր տեր Ֆյոդորը, գլուխը զգուշորեն ծառի բնին խփելով։

― Ծառը մի փչացնեք, տխմարի մեկը։ Մո՛ւսիկ, կարծես սա պսիխ չէ։ Պարզապես, ինչպես երևում է, տրամադրությունն ընկած է կնոջ հիվանդության պատճառով։ Չծախե՞նք արդյոք աթոռները, հը՞։ Ձեռք կքաշի, հը՞։ Թե չէ ճակատը կջարդի։

― Իսկ մենք ինչի՞ վրա ենք նստելու, ― հարցրեց Մուսիկը։

― Ուրիշները կգնենք։

― Այդ քսան ռուբլո՞վ։

― Քսանով, ասենք, ծախողը չեմ։ Ասենք ՝ երկու հարյուրով էլ չեմ ծախի․․․ Իսկ երկու հարյուր հիսունով կծախեմ։

Պատասխան եղավ գլխի ահավոր հարվածը վիշապածառին։

― Դե, Մուսիկ, իմ զահլեն գնաց արդեն։

Ինժեները վճռաբար մոտեցավ տեր Ֆյոդորին և սկսեց թելադրել ուլտիմատումը․

― Նախ և առաջ երեք քայլից ոչ պակաս հեռացեք արմավենուց, երկրորդ՝ անմիջապես վեր կացեք։ Երրորդ՝ կահույքը ես կծախեմ երկու հարյուր հիսուն ռուբլուց ոչ պակաս։

― Ոչ ի սեր շահի, ― երգեց տեր Ֆյոդորը, ― այլ միայն հիվանդ կնոջս կամքը կատարելու համար։

― Է՜, սիրելիս, իմ կինն էլ է հիվանդ։ Այնպես չէ՞, Մուսիկ, քո թոքերը կարգին վիճակում չեն։ Բայց ես դրա հիման վրա չեմ պահանջում, որպեսզի դուք․․․ նու․․․ ծախեք ինձ, ենթադրենք, ձեր պիջակը երեսուն կոպեկով։

― Ձրի՛ վերցրեք, ― բացականչեց տեր Ֆյոդորը։

Ինժեները ջղայնացած ձեռքը թափահարեց և սառնությամբ ասաց․

― Դուք ձեր կատակները թողեք։ Ես այլևս ոչ մի դատողությունների մեջ չեմ ընկնելու։ Աթոռներն իմ կողմից գնահատված են երկու հարյուր հիսուն ռուբլի, և ես ոչ մի կոպեկ չեմ զիջի։

― Հիսո՛ւն, ― առաջարկեց տեր Ֆյոդորը։

― Մո՛ւսիկ, ― ասաց ինժեները։ ― Կանչիր Բագրատիոնին։ Թող ճամփու դնի քաղաքացուն։

― Ոչ ի սեր շահի․․․

― Բագրատիո՛ն։

Տեր Ֆյոդորը ահաբեկված փախավ, իսկ ինժեները գնաց ճաշասենյակ և նստեց սագ ուտելու։ Սիրած թռչունը բարերար ազդեցություն ունեցավ Բռունսի վրա։ Նա սկսեց հանգստանալ։

Այն պահին, երբ ինժեները, ոսկորը ծխախոտի թղթով փաթաթած, սագի բուդը մոտեցրեց վարդագույն բերանին, պատուհանում հայտնվեց տեր Ֆյոդորի աղերսալի դեմքը։

― Ոչ ի սեր շահի, ― ասաց մեղմ ձայնը։ ― Հիսունհինգ ռուբլի։

Ինժեները առանց հետ նայելու, մռնչաց։ Տեր Ֆյոդորը չքացավ։

Հետո արդեն ամբողջ օրը տեր Ֆյոդորի կերպարանքը երևում և անհետանում էր ամառանոցի բոլոր ծայրերում։ Մերթ նա դուրս էր վազում կրիպտոմերիի շվաքից, մերթ երևան էր գալիս մանդարինի պուրակում, մերթ թռչում֊անցնում էր ետնամուտքի միջով և, թրթռալով, սլանում էր դեպի Բուսաբանական այգի։

Ինժեներն ամբողջ օրը կանչում էր Մուսիկին, գանգատվում էր պսիխից և գլխացավանքից։ Վերահաս մթության մեջ ժամանակ առ ժամանակ լսվում էր տեր Ֆյոդորի ձայնը։

― Հարյուր երեսունութ, ― բղավում էր նա երկնքի ինչ֊որ տեղից։

Իսկ մի րոպե անց նրա ձայնը գալիս էր Դումբասովի ամառանոցի կողմից։

― Հարյուր քառասունմեկ, ― առաջարկում էր տեր Ֆյոդորը, ― ոչ ի սեր շահի, պարոն Բռունս, այլ միայն․․․

Վերջապես ինժեները չդիմացավ, դուրս եկավ պատշգամբի մեջտեղը և, խավարի մեջ նայելով, սկսեց համաչափ կերպով բղավել․

― Սատանան ձեզ հետ։ Երկու հարյուր ռուբլի։ Միայն թե ձեռք քաշեք։

Լսվեց անհանգստացած բամբուկների խշշոց, մեղմ հառաչանք և հեռացող ոտնաձայն։ Հետո ամեն ինչ լռեց։

Ծովածոցում աստղեր էին թպրտում։ Կայծոռիկները հասնում էին տեր Ֆյոդորին, պտտվում նրա գլխի շուրջը, դեմքը ողողելով բուժական կանաչավուն լույսով։

― Հա՜մա թե սագեր են լույս ընկել, ― շշնջաց ինժեները սենյակ մտնելով։

Մինչդեռ տեր Ֆյոդորը վերջին ավտոբուսով ծովափի երկարությամբ թռչում էր Բաթում։ Հենց կողքին, թերթվող գրքի ձայնով թեթև ափնակոծություն էր, քամին խփում էր դեմքին և ավտոմոբիլի շչակին պատասխանում էր չախկալների ոռնոցը։

Հենց նույն երեկոյան տեր Ֆյոդորը կնոջը՝ Կատերինա Ալեքսանդրովնային N քաղաքն ուղարկեց այսպիսի մի հեռագիր․

Ապրանքը գտա հեռագրով ուղարկիր երկու հարյուր երեսուն ծախիր ինչ ուզում ես Ֆեյդա

Երկու օր շարունակ նա խանդավառությամբ թրև էր գալիս Բռունսի ամառանոցի շուրջը, հեռվից գլուխ էր տալիս Մուսիկին և նույնիսկ մերթ ընդ մերթ արևադարձային հեռուները թնդացնում էր բղավոցներով․

― Ոչ ի սեր շահի, այլ միայն կամոքն ինձ ուղարկող կնոջն իմո։

Երրորդ օրը փողն ստացվեց հուսահատ հեռագրի հետ միասին․

Ծախեցի ամեն ինչ մնացի առանց կոպեկիի համբուրում և սպասում եմ Եվստեգնիևը դեռ ճաշում է Կատյա

Տեր Ֆյոդորը փողը հաշվեց, եռանդով խաչակնքվեց, վարձեց մի ֆուրգոն և գնաց Կանաչ Հրվանդան։

Մռայլ եղանակ էր։ Քամին թուրքական սահմանից ամպեր էր կուտակում։ Ճորոխից մշուշ էր բարձրանում։ Կապտավուն շերտը երկնքում գնալով պակասում էր։ Փոթորիկը հասնում էր մինչև վեց բալլի։ Արգելված էր լողանալ և բաց ծով դուրս գալ նավակով։ Բաթումի վրա որոտ ու աղմուկ էր կանգնած։ Փոթորիկը ցնցում էր ափերը։

Հասնելով ինժեներ Բռունսի ամառանոցը, տեր Ֆյոդորը պատվիրեց բաշլղավոր աջարացի ֆուրգոնապանին սպասել և գնաց կահույքը բերելու։

― Փողը բերեցի, ― ասաց տեր Ֆյոդորը, ― մի քիչ զիջեցիք։

― Մուսիկ, ― հառաչեց ինժեները, ― ես այլևս չե՜մ կարող։

― Չէ, չէ, ես փողը բերել եմ, ― շտապեց տեր Ֆյոդորը, ― երկու հարյուր ռուբլի, ինչպես ասում էիք։

― Մուսիկ։ Վերցրու նրանից փողը։ Տուր աթոռները։ Ու թող ամեն ինչ շուտ անի։ Ես միգրեն ունեմ։

Ամբողջ կյանքի նպատակը կատարվել էր։ Սամարայի մոմի գործարանը ձեռքի մեջ էր խցկվում։ Ադամանդները արևածաղկի սերմերի պես լցվում էին գրպանները։

Տասներկու աթոռները մեկը մյուսի ետևից բարձեցին ֆուրգոնի մեջ։ Նրանք շատ նման էին Վորոբյանինովի աթոռներին, այն տարբերությամբ միայն, որ սրանց երեսը ոչ թե ծաղկավոր չթից էր, այլ վարդագույն զոլերով կապույտ ռեպսից։

Անհամբերությունը համակել էր տեր Ֆյոդորին։ Փեշի տակ ոլորուն թոկի մեջ խրած ուներ մի կացին։ Տեր Ֆյոդորը նստեց սայլապանի կողքին և, ամեն րոպե աթոռներին նայելով, մեկնեց Բաթումի կողմը։ Կայտառ ձիերը տեր Ֆյոդորին և նրա գանձը տարան ներքև, խճուղիով անցան «Ֆինալ» ռեստորանի կողքով, որի բամբուկե սեղանների և տաղավարների արանքում քամին էր խաղում, թունելի կողքով, որը նավթային մարշրուտի վերջին ցիստերներն էր կուլ տալիս, լուսանկարչի կողքով, որն այդ մռայլ օրը զրկվել էր իր սովորական մուշտարիներից, « Բաթումի բուսաբանական այգի» ցուցանակի կողքով և դանդաղ մոտեցան հենց ափնակոծության գծին։ Այնտեղ, ուր ճանապարհը սահմանակցում էր մասսիվների հետ, աղի ցայտեր էին տեղում տեր Ֆյոդորի վրա։ Մասսիվներով ափից ետ մղված ալիքները դառնում էին հեյզերներ, բարձրանում երկինք և դանդաղորեն ցած ընկնում։

Ափնակոծության հարվածներն ու պայթյունները կոփում էին տեր Ֆյոդորի խռովահույզ հոգին։ Ձիերը, քամու դեմ կռվելով, դանդաղ մոտենում էին Մախինջաուրիին։ Կանաչվուն պղտոր ջրերը փրփրում և սուլում էին մինչև ուր աչքդ կտրի։ Մինչև Բաթում թպրտում էր ափնակոծության ճերմակ փրփուրը, ինչպես փնթի կնոջ շորի տակից դուրս պրծած յուբկայի փեշ։

― Կա՛ց, ― բղավեց հանկարծ տեր Ֆյոդորը սայլապանին։ ― Կա՛ց, թուրքի մեկը։

Եվ նա, դողալով ու սայթաքելով, սկսեց աթոռներն իջեցնել ամայի ափ։ Անտարբեր աջարացին ստացավ իր հնգանոցը, մտրակեց ձիերին և հեռացավ։ Իսկ տեր Ֆյոդորը, համոզվելով, որ շուրջը ոչ ոք չկա, աթոռները քարափից քարշ տվեց լողափի չոր մնացած փոքրիկ տեղը և կացինը հանեց։

Մի րոպե տարակուսանքի մեջ էր, չիմանալով, թե ո՛ր աթոռից սկսեր։ Հետո լուսնոտի պես մոտեցավ երրորդ աթոռին և կացնով գազանաբար խփեց մեջքին։ Աթոռն անվնաս շուռ եկավ։

― Ըհը՛, ― բղավեց տեր Ֆյոդորը։ ― Ես քեզ ցո՛ւյց կտամ։

Եվ նա նետվեց աթոռի վրա, ինչպես կենդանի էակի վրա։ Մի ակնթարթում աթոռը կտրատվեց կաղամբի պես։ Տեր Ֆյոդորը չէր լսում փայտին, ռեպսին, զսպանակներին հասցրած կացնի հարվածները։ Փոթորիկի հուժկու ոռնոցի մեջ, ինչպես թաղիքի մեջ, խլանում էին բոլոր կողմնակի ձայները։

― Ըհը՛, ըհը՛, ըհը, ― հարակցում էր տեր Ֆյոդորը, կոտորելով ամբողջ թափով։

Աթոռները մեկը մյուսի ետևից շարքից դուրս էին գալիս։ Տեր Ֆյոդորի կատաղությունը գնալով ավելանում էր։ Մեծանում էր և փոթորիկը։ Որոշ ալիքներ հասնում էին մինչև տեր Ֆյոդորի ոտքերը։

Բաթումից մինչև Սինոպ մեծ աղմուկ էր կանգնած։ Ծովը կատաղում էր և իր կատաղությունը թափում ամեն մի փոքրիկ նավակի գլխին։ «Լենին» շոգենավը, երկու ծխնելույզներից ծուխ արձակելով և ծանրորեն նստելով նավախելի վրա, մոտենում էր Նովորոսիյսկին։ Փոթորիկը մոլեգնում էր Սև ծովում, հազարատոնն կոհակներ նետելով Տրպիզոնի, Յալթայի, Օդեսայի և Կոնստանցայի ափերին։ Բոսֆորի և Դարդանելի լռության ետևում շառաչում էր Միջերկրական ծովը։ Ջիբրալտարի նեղուցից դենը Եվրոպայի ափերին էր խփվում Ատլանտյան օվկիանոսը։ Զայրացած ջուրը գոտևորել էր երկրագունդը։

Իսկ Բաթումի ափին կանգնել էր տեր Ֆյոդորը և, քափ ու քրտինքի մեջ կորած, կոտրատում էր վերջին աթոռը։ Մի րոպե անց ամեն ինչ վերջացած էր։ Հուսահատությունը համակեց տեր Ֆյոդորին։ Քարացած հայացք նետելով կիտած ոտքերի, մեջքերի և զսպանակների լեռան վրա, նա ետ֊ետ գնաց։ Ջուրը բռնեց նրա ոտքերից։ Նա նետվեց առաջ և, թրջված, ընկավ խճուղու վրա։ Մի մեծ ալիք շրմփաց այն տեղի վրա, ուր քիչ առաջ կանգնած էր տեր Ֆյոդորը և ետ գլորվելիս, իր հետ տարավ գեներալշա Պոպովայի ողջ ջարդոտած գարնիտուրը։ Տեր Ֆյոդորը չտեսավ այդ։ Նա քարշ էր գալիս խճուղով՝ կծկված ու թաց բռունցքը կրծքին սեղմած։

Նա մտավ Բաթում, կույրի նման շուրջը ոչինչ չտեսնելով։ Նրա դրությունը ամենից սարսափելին էր։ Տանից հինգ հազար կիլոմետր հեռու, գրպանում քսան ռուբլի փող ունենալով, ոչ մի կերպ հնարավոր չէր հասնել հայրենի քաղաք։

Տեր Ֆյոդորն անցավ թուրքական շուկայով, որտեղ նրան իդեալական շշուկով խորհուրդ էին տալիս գնել պուդրա Կոտի, մետաքսյա գուլպաներ և Սուխումի անփաթեթ ծխախոտ, քարշ գալով գնաց կայարան և կորավ բեռնակիրների բազմության մեջ։

Ամպերի տակ

Կոնցեսիոներների և մոնտյոր Մեչնիկովի համաձայնությունից երեք օր անց Կոլումբի թատրոնը երկաթուղով մեկնեց Մախաչ֊Կալայի և Բաքվի վրայով։ Կոնցեսիոներները բոլոր այդ երեք օրը, չգոհանալով Մաշուկի վրա հերձած երկու աթոռների բովանդակությունից, սպասում էին Մեչնիկովից երրորդ աթոռին, Կոլումբի աթոռներից վերջինին։ Բայց նարզանի ձեռքից տանջված Մեչնիկովը ստացած քսան ռուբլին ամբողջությամբ վերածեց հասարակ օղու և հասավ այն դրության, որ փակի տակ պահվում էր բուտաֆորանոցում։

― Ահա և քեզ Թթու ջրեր, ― հայտարարեց Օստապը, իմանալով թատրոնի մեկնելու մասին։ ― Շան որդի է այդ մոնտյորը։ Դե արի ու սրանից հետո գործ բռնի թատրոնի աշխատողների հետ։

Օստապը շատ ավելի անհանգիստ դառավ, քան առաջ։ Գանձ գտնելու շանսերն անչափ մեծացել էին։

― Փող է պետք Վլադիկավկազ մեկնելու համար, ― ասաց Օստապը։ ― Այնտեղից մենք ավտոմեքենայով Ռազմա֊Վիրական ճանապարհով կգնանք Թիֆլիս։ Հիասքա՜նչ տեսարաններ։ Հրապուրի՜չ բնանկար։ Հրաշալի՜ լեռնային օդ։ Եվ այդ բոլորի վերջում՝ հարյուր հիսուն հազար ռուբլի զրո֊զրո կոպեկ։ Նիստը շարունակելը միտք ունի։

Բայց Հանքային ջրերից մեկնելն այնքան էլ հեշտ չէր։ Վորոբյանինովը երկաթուղային ապաշնորհ նապաստակ դուրս եկավ, և քանի որ անհաջող էին անցնում գնացք նստելու նրա բոլոր փորձերը, ապա ստիպված եղավ հանդես գալ «Ծաղկանոցի» մոտ իբրև ուսումնական օկրուգի նախկին հոգաբարձու։ Այդ շատ քիչ հաջողություն ունեցավ։ Երկու ռուբլի՝ քսանչորս ժամվա ծանր ու նվաստացուցիչ աշխատանքի դիմաց։ Բայց այդ գումարը բավական էր Վլադիկավկազ գնալու համար։

Բեսլանում անտոմս ուղևորվող Օստապին վռնդեցին գնացքից, և մեծ կոմբինատորը հանդգնորեն երեք վերստ վազեց գնացքի ետևից, բռունցք թափ տալով բոլորովին անմեղ Իպոլիտ Մատվեևիչի վրա։

Դրանից հետո Օստապին հաջողվեց ցատկել դանդաղորեն դեպի Կովկասյան լեռնաշղթան ձգվող գնացքի աստիճանին։ Այդ դիրքից Օստապը հետաքրքրությամբ նայում էր առջևում բացվող Կովկասյան լեռնաշղթայի համայնապատկերին։

Առավոտվա ժամը չորսն էր։ Լեռների կատարները լուսավորվել էին մուգ֊վարդագույն արևի լույսով։ Լեռները դուր չեկան Օստապին։

― Չափից դուրս շքեղություն կա, ― ասաց նա։ Վայրի գեղեցկություն։ Ապուշի երևակայություն։ Միանգամայն անպետք բան։

Վլադիկավկազի կայարանում եկվորներին սպասում էր Զակավտոպրոմտորգի մեծ ու բաց ավտոբուսը, և սիրալիր մարդիկ ասում էին։

― Ովքեր գնալու են Ռազմա֊Վիրական ճանապարհով, նրանց ձրի կտանենք քաղաք։

― Ո՞ւր, Կիսա, ― ասաց Օստապը։ ― Մենք գնալու ենք ավտոբուսով։ Թող մեզ ձրի տանեն։

Սակայն Օստապը Զակավտոպրոմտորգի գրասենյակում, ուր ավտոբուսը բերեց նրանց, չէր վռազում գրվել մեքենայի տեղի համար։ Աշխույժ զրուցելով Իպոլիտ Մատվեևիչի հետ, նա հիանում էր ամպով պատած Ստալովայա լեռով և, գտնելով, որ լեռն իրոք նման է սեղանի, արագ հեռացավ։

Վլադիկավկազում ստիպված եղան մի քանի որ նստել։ Բայց Ռազմա֊Վիրական ճանապրհով ուղևորվելու համար փող ճարելու բոլոր փորձերը կամ բոլորովին ապարդյուն էին անցնում, կամ օրվա պարենը հայթայթելու միջոցներ էին տալիս միայն։ Քաղաքացիներից տասը կոպեկ գանձելու փորձը չհաջողվեց․ Կովկասյան լեռնաշղթան այնքան բարձր ու տեսանելի էր, որ հնարավոր չէր այն ցույց տալու համար փող վերցնել։ Չորս կողմից երևում էր նա։ Ուրիշ գեղեցիկ վայրեր Վլադիկավկազում չկային։ Ինչ վերաբերում էր Թերեքին, ապա այն հոսում էր «Տրեկի» ― հեծանվուղու կողքով, որի մուտքի համար փող գանձում էր քաղաքը՝ առանց Օստապի օգնության։ Իպոլիտ Մատվեևիչի ողորմություն հավաքելը երկու օրում տվեց տասներեք կոպեկ։

― Բավական է, ― ասաց Օստապը, ― մի ելք կա․ Թիֆլիս գնալ ոտքով։ Հինգ օրում մենք կանցնենք երկու հարյուր վերստ։ Ոչինչ, պապաշա, լեռնային զմայլելի տեսարաններ, թարմ օդ․․․ Փող է պետք՝ հաց և երշիկ գնելու համար։ Ձեր բառապաշարին կարող եք ավելացնել մի քանի իտալական ֆրազներ, ինչպես ուզում եք, բայց իրիկվա կողմ դուք հավաքելու եք երկու ռուբլուց ոչ պակաս։ Այսօր ստիպված ենք չճաշել, սիրելի ընկեր։ Ավա՜ղ։ Շանսերը վատ են․․․

Ծեգը ծեգին կոնցեսիոներներն անցան Թերեքի կամուրջը, շրջանցեցին զորանոցները և խորացան կանաչ հովտի մեջ, որով անցնում էր Ռազմա֊Վիրական ճանապարհը։

― Մեր բախտը բանեց, Կիսա, ― ասաց Օստապը, ― գիշերը անձրև է եկել, և մենք ստիպված չենք փոշի կուլ տալ։ Մաքուր օդ շնչեք, պարագլուխ։ Երգեցե՛ք։ Կովկասյան ոտանավորներ հիշեցեք։ Պահեցեք ձեզ ինչպես վայել է․․․

Բայց Իպոլիտ Մատվեևիչը ոչ երգում էր, ոչ էլ ոտանավորներ հիշում։ Ճանապարհը սարն ի վեր էր բարձրանում։ Բացօթյա անցկացրած գիշերները զգացնել էին տալիս իրենց կողքի ծակոցներով, ոտքերի ծանրությամբ, իսկ էժանագին երշիկը՝ մշտական ու տանջալից այրոցով։ Նա քայլում էր մի կողքի թեքված, ձեռքին բռնած հինգ ֆունտանոց հացը, որ փաթաթել էր վլադիկավկազյան թերթի մեջ, և ձախ ոտքը հազիվ քարշ տալով։

Դարձյալ գնա՜լ։ Այս անգամ Թիֆլիս, այս անգամ աշխարհում ամենագեղեցիկ ճանապարհով։ Նա շուրջը չէր նայում, Օստապի պես։ Նա բացարձակապես չէր տեսնում Թերեքը, որն արդեն որոտալ էր սկսել հովտի խորքում։ Եվ միայն արևի տակ շողշողացող սառցե գագաթները նրան աղոտ կերպով ինչ֊որ բան էին հիշեցնում․ ոչ այն է ադամանդի փայլը, ոչ այն է վարպետ Բեզենչուկի լավագույն գլազետապատ դաղագները։

Բալտայից հետո ճանապարհը մտավ կիրճը և առաջ շարժվեց մութ ու կախված ժայռերի վրա փորած նեղլիկ քիվով։ Ճանապարհի գալարագիծը դեպի վեր էր պարուրվում, և երեկոյան կոնցեսիոներները հայտնվեցին Լարս կայարանում, ծովի մակերևույթից հազար մետր բարձրության վրա։

Գիշերեցին ձրի խեղճ ու կրակ մի դուքանում և նույնիսկ մեկական բաժակ կաթ ստացան՝ խաղաթղթերի ֆոկուսներով տիրոջը և նրա հյուրերին հրապուրելով։

Առավոտն այնքան հիանալի էր, որ նույնիսկ լեռնային օդով ցողված Իպոլիտ Մատվեևիչն սկսեց երեկվանից ավելի աշխույժ քայլել։ Լարս կայարանից դենը անմիջապես կանգնեց Կողքի լեռնաշղթայի վիթխարի պատը։ Թերեկի հովիտն այստեղ շրջափակվեց նեղ կիրճով։ Բնանկարը գնալով ավելի մռայլվում էր, իսկ ժայռերի վրա մակագրությունները բազմապատկվում էին։ Այնտեղ, ուր ժայռերը այնպես էին սեղմում Թերեքի հոսանքը, որ կամուրջի երկարությունը հավասարվում էր ընդամենը տասը սաժենի, կոնցեսիոներները կիրճի ժայռոտ պատերին այնքան մակագրություն տեսան, որ Օստապը, մոռանալով Դարյալի կիրճի վեհությունը, գոռաց, ջանալով հաղթահարել Թերեքի դղրդյունն ու հառաչանքները․

― Մե՛ծ մարդիկ։ Ուշադրություն դարձրեք, պարագլուխ։ Տեսնո՞ւմ եք։ Ամպերից մի քիչ վեր և արծվից փոքր֊ինչ ներքև։ Մակագրություն՝ «Կոլյա և Միկա, հուլիս 1914թ․»։ Անմոռա՜ց տեսարան։ Ուշադրություն դարձրեք գեղարվեստական կատարման վրա։ Յուրաքանչյուր տառը մի մետր մեծություն ունի և նկարված է յուղաներկով։ Որտե՞ղ եք հիմա, Կոլյա և Միկա։

― Կիսա, ― շարունակեց Օստապը, ― եկեք մենք էլ հավերժանանք։ Տրորենք Միկայի քիթը։ Ի դեպ՝ ես կավիճ էլ ունեմ։ Աստված է վկա, կմագլցեմ հիմա ու կգրեմ․ «Կիսան և Օսյան եղեկ են այստեղ»։

Եվ Օստապը, առանց երկար ու բարակ մտածելու, խճուղին Թերեքի փրփրուն խորխորատից անջատող պատվարի վրա դրեց ունեցած երշիկի պաշարը և սկսեց բարձրանալ ժայռը։

Իպոլիտ Մատվեևիչը սկզբում հետևում էր մեծ կոմբինատորի բարձրանալուն, բայց հետո ցրվեց և շուռ գալով սկսեց դիտել ժայռի վրա պահպանված, ձիու ատամի նմանվող Թամարի ամրոցի հիմքը։

Այդ ժամանակ կոնցեսիոներներից մի երկու վերստ հեռավորության վրա Թիֆլիսի կողմից Դարյալի կիրճը մտավ տեր Ֆյոդորը։ Նա քայլում էր զինվորականի համաչափ քայլով, ալմաստե կարծր աչքերով նայելով առաջ և հենվելով կորագլուխ գավազանին։

Տեր Ֆյոդորը վերջին փողերով հասավ Թիֆլիս և հիմա ոտքով գնում էր ծննդավայրը, սնվելով կամավոր նվիրատվություններով։ Խաչի լեռնանցքը (ծովի մակերևույթից 2345 մետր բարձր) անցնելիս արծիվը կծեց նրան։ Տեր Ֆյոդորը գավազանը թափ տվեց հանդուգն թռչնի վրա և շարունակեց ճանապարհը։

Նա գնում էր ամպերի մեջ մոլորված և փնթփնթում․

― Ո՛չ ի սեր շահի, այլ միայն կամոքն ինձ ուղարկած կնոջն իմո։

Տարածությունը թշնամիների միջև գնալով կրճատվում էր։ Սուր ցցաքարի ետևից թեքվելով, տեր Ֆյոդորը դեմ ընկավ ոսկյա պենսնեով մի ծերուկի։

Կիրճը ճեղքվեց տեր Ֆյոդորի աչքերում։ Թերեքը դադարեցրեց իր հազարմյա ճիչը։

Տեր Ֆյոդորը ճանաչեց Վորոբյանինովին։ Բաթումում սարսափելի անհաջողություն կրելուց հետո, բոլոր հույսերը փլվելուց հետո, հարստություն ստանալու նոր հնարավորությունը արտասովոր կերպով ազդեց տեր Ֆյոդորի վրա։

Նա բռնեց Իպոլիտ Մատվեևիչի վտիտ ադամախնձորից և, մատները սեղմելով, խռպոտ ձայնով գոռաց․

― Ի՞նչ ես արել քո սպանած զոքանչի գանձը։

Նման ոչ մի բանի չսպասող Իպոլիտ Մատվեևիչը լուռ էր, աչքերն այնպես չռելով, որ նրանք գրեթե հպվում էին պենսնեի ապակիներին։

― Ասա՛, ― հրամայում էր տեր Ֆյոդորը։ ― Խոստովանի՛ր, մեղավոր։

Վորոբյանինովն զգաց, որ շունչը կտրվում է։

Այդ պահին արդեն իր հաղթանակը տոնող տեր Ֆյոդորը տեսավ ժայռի վրա ցատկոտող Բենդերին։ Տեխնիկական դիրեկտորը վայր էր իջնում՝ կոկորդով մեկ բղավելով․

Փշրվելով մռայլ ժայռերին
Եռում, փրփրում են կոհակները․․․

Մեծ վախ պատեց տեր Ֆյոդորի սրտին։ Նա մեքենայորեն շարունակում էր բռնած պահել պարագլխի կոկորդը, բայց նրա ծնկները դողում էին։

― Ա՛խ, այ թե սա ո՜վ է, ― մտերմաբար գոչեց Օստապը։ ― Մրցակցող կազմակերպությո՜նը։

Տեր Ֆյոդորը չհապաղեց։ Ենթարկվելով բարերար բնազդին, նա չանթեց կոնցեսիոն երշիկն ու հացը և փախավ։

― Խփե՛ք դրան, ընկեր Բենդեր, ― բղավում էր գետնից շունչը տեղն եկած Իպոլիտ Մատվեևիչը։

― Հասի՛ր դրան, բռնի՛ր։

Օստապը սուլեց և քըս֊քըս արեց։

― Հյո՜ւ֊ու֊ու, ― բղավում էր նա, տեր Ֆյոդորի ետևից ընկած։ ― Ճակատամարտ բուրգերի մոտ, կամ Բենդերը որսի պահին։ Ո՞ւր եք փախչում, այ մուշտարի։ Կարող եմ ձեզ առաջարկել փորոտիքը լավ թափած մի աթոռ։

Տեր Ֆյոդորը չդիմացավ հետապնդման տառապանքներին և մագլցեց բոլորովին կախված ժայռի վրա։ Նրան սիրտն էր հրում վերև, որ բարձրացել էր մինչև կոկորդը, և առանձնահատուկ, միայն վախկոտներին քաջածանոթ կրուկների քորը։ Ոտքերն իրենք էին պոկվում գետնից և իրենց տիրոջը տանում վեր։

― Հյո՜ւ֊ու֊ու, ― բղավում էր Օստապը ներքևից։ ― Բռնի՛ր դրան։

― Նա տարավ մեր պաշարները, ― վայնասուն բարձրացրեց Իպոլիտ Մատվեևիչը, դեպի Օստապը վազելով։

― Կա՛ց, ― որոտաց Օստապը։ ― Կա՛ց, ասում եմ։

Բայց դա միայն նոր ուժ տվեց հենց այն է ուժասպառ տեր Ֆյոդորին։ Նա վեր սլացավ և մի քանի ցատկից հետո հայտնվեց ամենաբարձր մակագրությունից մի տասը սաժենով բարձր վայրում։

― Երշիկը տո՛ւր, ― կանչում էր Օստապը։ ― Երշիկը տո՛ւր, ախմախ։ Ես ամեն ինչ կներեմ։

Տեր Ֆյոդորն արդեն ոչինչ չէր լսում։ Նա հայտնվեց մի հարթ տարածության վրա, ուր մինչ այդ ոչ ոքի չէր հաջողվել մագլցել։ Թախծալի սարսափը պատեց տեր Ֆյոդորին։ Նա հասկացավ, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվի վայր իջնել։ Ժայռը ուղղահայաց իջնում էր խճուղու վրա և ետ իջնելու մասին չարժեր նույնիսկ մտածել։ Նա նայեց ներքև։ Այնտեղ փրփրում էր Օստապը, և կիրճի խորքում պսպղում էր պարագլխի ոսկյա պենսնեն։

― Ես կտա՛մ երշիկը, ― բղավեց տեր Ֆյոդորը։ ― Իջեցրեք ինձ։

Ի պատասխան որոտում էր Թերեքը և Թամարի ամրոցից կրքոտ ճիչեր էին լսվում։ Այնտեղ բուեր էին ապրում։

― Իջեցրե֊ե՜ք ինձ, ― աղերսագին բղավում էր տեր Ֆյոդորը։

Նա տեսնում էր կոնցեսիոներների բոլոր մանևվրները։ Նրանք վազվզվում էին ժայռի տակ և, շարժուձևերից դատելով, լպիրշորեն զազրախոսում էին։

Մի ժամ հետո փորին պառկած և գլուխը կախ գցած տեր Ֆյոդորը տեսավ, որ Բենդերն ու Վորոբյանինովը գնում են Խաչի լեռնանցքի ուղղությամբ։

Գիշերն արագ իջավ։ Զարհուրելի խավարի և դժոխային աղմուկի մեջ հենց ամպի տակ դողդողում և լաց էր լինում տեր Ֆյոդորը։ Նրան այլևս պետք չէին երկրային գանձերը։ Նա միայն մի բան էր ցանկանում՝ իջնել ներքև, գետին։

Գիշերը նա այնպես էր ոռնում, որ մերթ ընդ մերթ խլացնում էր Թերեքի ձայնը, իսկ առավոտյան սնվեց երշիկով ու հացով և սատանայի պես քրքջում էր ներքևում սլացող ավտոմոբիլների վրա։ Օրվա մնացորդն անցկացրեց լեռներն ու երկնային լուսատու արևը զննելով։ Իսկ հետևյալ գիշեր նա տեսավ Թամարա Թագուհուն։ Թագուհին իր ամրոցից թռավ եկավ մոտը և կոտրատվելով ասաց․

― Լինենք հարևաններ։

― Տիրուհի, ― զգացված ասաց տեր Ֆյոդորը։ ― Ոչ ի սեր շահի․․․

― Գիտեմ, գիտեմ, ― նկատեց թագուհին, ― այլ միայն կամոքն քեզ ուղարկած կնոջ։

― Բա դուք որտեղի՞ց գիտեք, ― զարմացավ տեր Ֆյոդորը։

― Գիտեմ, էլի։ Անցնեիք մեզ մոտ, հարևան։ Վաթսունվեց կխաղայինք։ Հը՞։

Թագուհին ծիծաղեց և թռավ֊գնաց, օձաձև հրթիռներ բաց թողնելով գիշերվա երկնքում։

Երրորդ օրը տեր Ֆյոդորն սկսեց քարոզ կարդալ թռչունների գլխին։ Չգիտես ինչու նա նրանց համոզում էր դառնալ լյութերական։

― Հավքե՛ր, ― ասում էր նա զրնգուն ձայնով, ― հրապարակավ խոստովանեցեք ձեր մեղքերը։

Չորրորդ օրը նրան արդեն ներքևից ցույց էին տալիս էքսկսուրսանտներին։

― Աջում Թամարի ամրոցն է, ― ասում էին փորձված ուղեկցողները, ― իսկ ձախում կանգնած է կենդանի մի մարդ, իսկ թե ինչով է ապրում և ինչպես է ընկել այնտեղ՝ հայտնի չէ։

― Համա թե վայրենի ժողովուրդ են հա՜, ― զարմանում էին էքսկուրսանտները։ ― Լեռների զավակնե՜ր։

Ամպերը լողում էին։ Տեր Ֆյոդորի գլխավերևում պտույտ էին գործում արծիվները։ Նրանցից ամենահամարձակը գողացավ երշիկի մնացորդը և թևի թափահարումով փրփրալից Թերեքի մեջ նետեց մեկուկես ֆունտ հացը։

Տեր Ֆյոդորը մատ թափ տվեց արծվի վրա, և ճաճանչափայլ ժպտալով, շշնջաց․

Թռչունն աստծո չի իմանում
Հոգնություն ու հոգս անմար,
Եվ խնամքով նա չի հյուսում
Մշտական բույն իր համար։

Արծիվը խեթ֊խեթ նայեց տեր Ֆյոդորին, «ծուղրուղու» կանչեց ու թռավ։

― Ա՛խ, արծվիկ, արծվիկ, մե՛ծ անզգամն ես եղել։

Տասն օր անց Վլադիկավկազից հրշեջ խումբ եկավ հարկ եղած գումակով ու պիտույքներով և իջեցրեց տեր Ֆյոդորին։

Երբ նրան իջեցնում էին, նա ծափահարում էր և հաճելիությունից զուրկ ձայնով երգում․

Կլինես դու էս աշխարհի թագուհին,
Հավերժական իմ ընկե՛ր։

Եվ խստաշունչ Կովկասը բազմաշառաչ կրկնեց Մ․ Յու․ Լերմոնտովի խոսքերը և Ա․ Ռուբինշտեյնի երաժշտությունը։

― Ոչ ի սեր շահի, ― ասաց տեր Ֆյոդորը հրշեջ խմբի պետին, այլ միայն․․․

Հռհռացող քահանային հրշեջ սանդուղքի վրա դրած տարան հոգեբուժական հիվանդանոց։

Երկրաշարժ

― Ինչ եք կարծում, պարագլուխ, ― հարցրեց Օստապը, երբ կոնցեսիոներները մոտենում էին Սիոնի գյուղին, ― ի՞նչ կարելի է վաստակել երկու վերստ բարձրության վրա գտնվող այս թշվառ վայրում։

Իպոլիտ Մատվեևիչը լուռ էր։ Միակ զբաղմունքը, որով նա կարող էր ապրուստի միջոց հայթայթել, մուրացկանությունն էր։ Բայց այստեղ, լեռնային այս գալարապտույտների և քիվերի վրա, մարդ չկար ողորմություն խնդրելու։

Ասենք, այստեղ էլ գոյություն ուներ մուրացկանություն, բայց բոլորովին առանձնահատուկ՝ ալպիական մուրացկանություն․ գյուղի կողքով անցնող յուրաքանչյուր ավտոբուսի կամ մարդատար մեքենայի մոտ էին վազում երեխաներ և շարժվող հանդիսականների առջև նաուրյան լեզգինկայի մի քանի պարաքայլ կատարում։ Դրանից հետո երեխաները վազում էին մեքենայի ետևից ու բղավում․

― Փո՛ղ տուր։ Փո՛ղ տուր։

Ուղևորները հինգ կոպեկանոցներ էին շպրտում և բարձրանում Խաչի լեռնանցքը։

― Սրբազան գործ է, ― ասաց Օստապը, ― կապիտալ ծախսեր չի պահանջվում, եկամուտները մեծ չեն, բայց մեր վիճակում գտնվողների համար արժեքավոր են։

Ճամփորդության երկրորդ օրվա ժամը երկուսի մոտերքը Իպոլիտ Մատվեևիչը, մեծ կոմբինատորի հսկողությամբ, թռուցիկ ուղևորների առջև կատարեց իր առաջին պարը։ Այդ պարը նման էր մազուրկայի, բայց Կովկասի վայրի գեղեցկություններից հագեցած ուղևորները լեզգինկայի տեղ ընդունեցին և վարձատրեցին երեք հինգ կոպեկանոցով։ Հետևյալ մեքենայի առջև, որը Թիֆլիսից Վլադիկավկազ էր մեկնում, պարեց և ցատկոտեց ինքը՝ տեխնիկական դիրեկտորը։

― Փո՛ղ տուր, փո՛ղ տուր, ― բղավում էր նա բարկացած։

Ծիծաղող ուղևորները առատորեն վարձատրեցին նրա ցատկոտումները։ Օստապը ճանապարհի փոշու միջից հավաքեց երեսուն կոպեկ։ Բայց այդ պահին սիոնցի երեխաները քարե կարկուտ տեղացին մրցակիցների գլխին։ Քարկոծումից փրկվելով, ճամփորդները արագ քայլերով ուղևորվեցին մոտակա աուլը, որտեղ վաստակած դրամը ծախսեցին պանրի ու հացի վրա։

Կոնցեսիոներները այդ զբաղմունքով էին անցկացնում իրենց օրերը։ Գիշերում էին լեռնային հյուղերում։ Չորրորդ օրը խճուղու կեռմաններով նրանք իջան Կայշաուրի հովիտը։ Այստեղ շոգ արև էր, և կոնցեսիոներների Խաչի լեռնանցքում կարգին սառած ոսկորները ձեռաց տաքացան։

Դարյալի ժայռերը, լեռնանցքի խավարն ու ցուրտը փոխարինվեցին կանաչով և խորանիստ հովտի տնականությամբ։ Ճամփորդները գնում էին Արագվայի վրայով, իջնում մարդկանցով բնակեցված, տնային անասուններով և ուտելեղենով առատ հովիտը։ Այստեղ կարելի էր խնդրելով մի բան ձեռք բերել, մի բան վաստակել կամ պարզապես գողանալ։ Ադրկովկասն էր դա։

Ուրախացած կոնցեսիոներներն ավելի արագ քայլեցին։

Պասանաուրիում, երկու հյուրանոց և մի քանի դուքան ունեցող շոգ ու հարուստ մի գյուղում, բարեկամները խնդրելով հաց ճարեցին և պարտեզով ու շղթայակապ երկու արջի քոթոթներով «Ֆրանսիա» հյուրանոցի դիմաց պառկեցին թփուտների մեջ։ Նրանք մեծ հաճույք էին ստանում տաքությունից, համով հացից և վաստակած հանգստից։

Սակայն հանգիստը շուտով խափանվեց ավտոմոբիլային շչակների ճղավոցից, նոր ավտոդողերի խշշոցից և խնդագին բացականչություններից։ Բարեկամները դուրս նայեցին։ «Ֆրանսիային» շարքով մոտեցան երեք միատեսակ նոր ավտոմեքենաներ։ Ավտոները անաղմուկ կանգ առան։ Առաջին մեքենայից դուրս ցատկեց Պերսիցկին։ Նրա ետևից դուրս եկավ «Դատարնն ու կենցաղը», փոշոտ մազերը հարդարելով։ Ապա մյուս մեքենաներից դուրս թափվեցին «Հաստոց» թերթի ավտոմոբիլային ակումբի անդամները։

― Դադա՛ր, ― բղավեց Պերսիցկին։ ― Խազեի՛ն։ Տասնհինգ խորոված։

«Ֆրանսիա» հյուրանոցը ելումուտ էին անում քնատ մարդիկ, և լսվում էր ոչխարի մայուն, որին ոտքերից բռնած քարշ էին տալիս խոհանոց։

― Դուք չե՞ք ճանաչում այդ երիտասարդին, ― հարցրեց Օստապը։ ― Դա «Սկրյաբինի» ռեպորտյորն էր, մեր տրանսպարանտի քննադատներից մեկը։ Բայց տես թե ինչ շուքով են եկել։ Ի՞նչ է նշանակում սա։

Օստապը մոտեցավ խորոված խժռողներին և շատ քաղաքավարի գլուխ տվեց Պերսիցկուն։

― Բոնժո՛ւր, ― ասաց ռեպորտյորը։ ― Որտե՞ղ եմ ձեզ տեսել, սիրելի ընկեր։ ― Ա֊ա՜֊ա։ Մտաբերում եմ։ «Սկրյաբինի» նկարիչը։ Այնպես չէ՞։

Օստապը ձեռքը սեղմեց կրծքին և խոնարհ գլուխ տվեց։

― Թույլ տվեք, թույլ տվեք, ― շարունակեց Պերսիցկին, որը ռեպորտյորի կառչուն հիշողություն ուներ։ ― Այդ ձեր վրա չէ՞ր պրծել արդյոք կառապանի ձին Մոսկվայում, Սվերդլովի հրապարակում։

― Ինչպես չէ, ինչպես չէ։ Եվ դեռ ձեր դիպուկ արտահայտությամբ ես իբր պրծել էի մի թեթև վախով։

― Իսկ դուք ինչ է, գեղարվեստական գծո՞վ եք աշխատում այստեղ։

― Ոչ, էքսուկսիոն նպատակներով։

― Ոտքո՞վ։

― Ոտքով։ Մասնագետները պնդում են, թե ավտոմոբիլով Ռազմա֊Վիրական ճանապարհով ճամփորդելը պարզապես հիմարություն է։

― Ոչ միշտ է հիմարություն, սիրելիս, ոչ միշտ։ Այ մենք, օրինակ, այնքան էլ հիամարաբար չենք ճամփորդում։ Մեքենաներն, ինչպես տեսնում եք, մերն են, ընգծում եմ՝ մերն են, կոլեկտիվինը։ Ուղիղ հաղորդակցություն՝ Մոսկվա֊Թիֆլիս։ Մի գրոշի բենզին է գնում։ Տեղափոխման հարմարություն և արագություն։ Փափուկ զսպանակներ։ Եվրո՛պա։

― Որտեղի՞ց ձեզ այդ ամենը, ― նախանձով հարցրեց Օստապը։ ― Հարյուրհազար ե՞ք շահել։

― Հարյուր չէ, բայց հիսուն շահել ենք։

― Դեվյատկա խաղալո՞վ։

― Ավտոմոբիլային ակումբին պատկանող պարտատոմսով։

― Հա՜, ― ասաց Օստապը, ― և այդ փողով ավտոմոբիլնե՞ր եք գնել։

― Ինչպես տեսնում եք;

― Այդպես։ Միգուցե ձեզ ավա՞գ է պետք։ Ես մի ջահել մարդու գիտեմ։ Խմող չէ։

― Ի՞նչ ավագ։

― Էն էլի․․․ Ընդհանուր ղեկավարություն, գործնական խորհուրդներ, դիտողական ուսուցում կոմպլեքսային մեթոդով․․․ Հը՞։

― Ես ձեզ հասկանում եմ։ Ոչ, պետք չէ։

― Պետք չէ՞։

― Ոչ։ Ցավոք սրտի։ Նկարիչ էլ պետք չէ։

― Այդ դեպքում տվեք տասը ռուբլի։

― Ավդոտին, ― ասաց Պերսիցկին։ ― Բարի եղիր, իմ հաշվին այս քաղաքացուն երեք ռուբլի տուր։ Ստորագրություն պետք չէ։ Դա հաշվետու անձ չէ։

― Շատ քիչ է, ― նկատեց Օստապը, ― բայց ես ընդունում եմ։ Ես հասկանում եմ ձեր դրության ողջ դժվարությունը։ Իհարկե, եթե դուք հարյուր հազար շահած լինեիք, հավանորեն հինգ ռուբլի կտայիք ինձ։ Բայց չէ՞ որ դուք շահել եք ընդամենը հիսուն հազար ռուբլի զրո֊զրո կոպեկ։ Համենայն դեպս շնորհակալություն։

Բենդերը քաղաքավարությամբ գլխարկը հանեց։ Պերսիցկին քաղաքավարությամբ գլխարկը հանեց։ Բենդերը սիրալիր գլուխ տվեց։ Պերսիցկին պատասխանեց սիրալիր գլուխ տալով։ Բենդերը ողջունելով ձեռքը թափահարեց։ Պերսիցկին, ղեկի մոտ նստելով, ձեռքով արեց։ Բայց Պերսիցկին հիանալի մեքենայով մեկնեց շողշողուն հեռուները, ուրախ ընկերներով շրջապատված, իսկ մեծ կոմբինատորը հիմար ընկերոջ հետ մնաց փոշոտ ճանապարհին։

― Տեսա՞ք ինչ շուք էր, ― հարցրեց Օստապը Իպոլիտ Մատվեևիչից։

― Զակավտոպրոմտո՞րգ է, թե՝ մասնավոր «Մոտոր» ընկերություն, ― բանիմացորեն հարցրեց Վորոբյանինովը, որը ճամփորդության մի քանի օրվա ընթացքում հիանալի ծանոթացել էր ճանապարհի ամեն տեսակ ավտոտրանսպորտի հետ։ ― Ես ուզում էի մոտենալ նրանց և պարել։

― Դուք շուտով բոլորովին կբթանաք, իմ խեղճ բարեկամ։ Ի՞նչ Զակավտոպրոմտորգ է դա։ Այդ մարդիկ, լսում եք, Կիսա, շա֊հել են հիսուն հազար ռուբլի։ Ինքներդ տեսնում եք, Կիսյուլա, ինչպես ուրախ են նրանք և որչափ ամեն տեսակ մեխանիկական զիբիլ են գնել։ Երբ մենք մեր փողն ստանանք, շատ ավելի ռացիոնալ կծախսենք։ Այնպես չէ՞։

Եվ բարեկամները, երազելով, թե ինչեր են գնելու երբ հարստանան, դուրս եկան Պասանաուրիից։ Իպոլիտ Մատվեևիչը կենդանի պատկերացրեց իրեն նոր գուլպաների գնումը և արտասահման մեկնելը։ Օստապի երազանքները շատ ավելի ընդարձակ էին։ Նրա նախագծերը հոյակապ էին․ ոչ այն է երկնագույն Նեղոսը ամբարտակով պատնեշելը, ոչ այն է Ռիգայում խաղատուն բացելը՝ բաժանմունքներ ունենալով բոլոր լիմիտրոֆներում։

Երրորդ օրը ճաշից առաջ, տխուր ու փոշոտ վայրերը՝ Անանուրը, Դուշեթը և Ցիլկանին անցնելուց հետո, ուղևորները մոտեցան Մցխետին՝ Վրաստանի հինավուրց մայրաքաղաքին։ Այստեղ Քուռը թեքվում էր Թիֆլիսի կողմը։

Երեկոյան ճամփորդները անցան ԶԱԳԷՍ֊ը ― Զեմո֊Ավճալյան հիդրոէլեկտրոկայանը։ Ապակին, ջուրը և էլեկտրականությունը շողշողում էին գույնզգույն կրակներով։ Այդ ամենը արտացոլվում և թրթռում էր արագահոս Քուռի մեջ։

Այստեղ կոնցեսիոներները բարեկամություն հաստատեցին մի գյուղացու հետ, որը նրանց սայլով երեկոյան ժամը տասնմեկի մոտերքը հասցրեց Թիֆլիս, հենց այն ժամին, երբ երեկոյան զովը փողոց է կանչում վրացական մայրաքաղաքի ցերեկվա շոգից հալումաշ եղած բնակիչներին։

― Վատ քաղաք չէ, ― ասաց Օստապը, դուրս գալով Շոթա Ռուսթավելու պողոտան, ― գիտեք ինչ, Կիսա․․․

Հանկարծ Օստապը խոսքը կիսատ թողած, նետվեց ինչ֊որ քաղաքացու ետևից, տասը քայլ անելուց հետո հասավ նրան և սկսեց աշխուժորեն զրուցել նրա հետ։

Հետո արագ վերադարձավ և մատով բզեց Իպոլիտ Մատվեևիչի կողը։

― Գիտե՞ք ով էր դա, ― շշնջաց նա արագ֊արագ։ ― «Օդեսյան բուբլիկների ― Մոսկովյան բարանկա արտելը», քաղաքացի Կիսլյարսկին։ Գնանք նրա մոտ։ Այժմ դուք կրկին, որքան էլ դա պարադոքսալ լինի, մտքի գիգանտ եք և ռուսական դեմոկրատիայի հայրը։ Չմոռանաք այտերդ ուռցնել և բեղերդ շարժել։ Ի դեպ, նրանք արդեն կարգին աճել են։ Ա՛հ, գրողը տանի։ Ի՜նչ դեպք է։ Բա՛խտ։ Եթե ես հիմա նրանից մի հինգ հարյուր ռուբլի չպոկեմ, թքեք իմ երեսին։ Գնա՛նք, գնա՛նք։

Կիսլյարսկին, որ Կովկաս էր եկել Ստարգորոդի ցնցումներից հանգստանալու համար, բոլորովին ընկճված էր։ Քթի տակ ինչ֊որ անհեթեթություններ մրմռալով բարանկաբուբլիկային գործի կանգառումի մասին, Կիսլյարսկին սարսափելի ծանոթներին նստեցրեց արծաթազօծ ճաղեր և ոտնդիր ունեցող կառքի մեջ և տարավ Դավիթի սարը։ Ռեստորանային այդ լեռան գագաթը բարձրացան ճոպանե երկաթուղով։ Թիֆլիսն իր հազարավոր լույսերով դանդաղորեն իջում էր խոր անդունդը։ Դավադիրները ուղիղ դեպի աստղերն էին բարձրանում։

Ռեստորանի սեղանները դասավորված էին հենց խոտերի վրա։ Խուլ դմբդմբում էր կովկասյան նվագախումբը, և փոքրիկ մի աչիկ, ծնողների հայացքների տակ, սեփական նախաձեռնությամբ լեզգինկա էր պարում սեղանների արանքում։

― Հրամայեցեք որևէ բան բերել, ― գլխի գցեց Բենդերը։

Փորձված Կիսլյարսկու հրամանով մատուցեցին գինի, կանաչի և վրացական աղի պանիր։

― Եվ ուտելու որևէ բան, ― ասաց Օստապը։ ― Եթե դուք իմանայիք, թանկագին պարոն Կիսլյարսկի, թե ինչե՜ր ենք քաշել Իպոլիտ Մատվեևիչի հետ, կզարմանայիք մեր արիության վրա։

«Դարձյալ, ― հուսահատ մտածում էր Կիսլյարսկին։ ― Դարձյալ սկսվում են իմ չարչարանքները։ Եվ ինչո՞ւ չգնացի Ղրիմ։ Հենրիետտան էլ էր խորհուրդ տալիս»։

Բայց նա անտրտունջ երկու խորոված պատվիրեց և դեպի Օստապը դարձրեց իր հաճոյակատար դեմքը։

― Այսպես ուրեմն, ― ասաց Օստապը, շուրջը նայելով և ձայնը ցածրացնելով, ― երկու խոսքով։ Երկու ամիս է ինչ մեզ հետևում են և, հավանորեն, վաղը մեր կոնսպիրատիվ բնակարանում դարան է սպասելու մեզ։ Ստիպված ենք պաշտպանվելու հրաձգությամբ։

Կիսլյարսկու այտերը արծաթազօծվեցին։

― Մենք ուրախ ենք, ― շարունակեց Օստապը, ― այս տագնապալից իրադրության պահին հանդիպելու հայրենիքին նվիրված մարտիկին։

― Հըմ․․․ այո, ― ատամների արանքից հպարտ ասաց Իպոլիտ Մատվեևիչը, հիշելով, թե ինչ սոված ոգևորությամբ նա լեզգինկա էր պարում Սիոնիից ոչ հեռու։

― Այո, ― շշնջաց Օստապը։ ― Մենք հույս ունենք ձեր օգնությամբ ջարդելու թշնամուն։ Ես ձեզ պարաբելում կտամ։

― Պետք չէ, ― հաստատ ասաց Կիսլյարսկին։

Հետևյալ րոպեին պարզվեց, որ բորսային կոմիտեի նախագահը հնարավորություն չունի մասնակցելու վաղվա ճակատամարտին։ Նա շատ է ցավում, բայց չի կարող։ Նա ծանոթ չէ զինվորական գործին։ Հենց դրա համար էլ նրան ընտրեցին բորսային կոմիտեի նախագահ։ Նա կատարյալ հուսահատության մեջ է, բայց ռուսական դեմոկրատիայի հոր կյանքը փրկելու համար (նա ինքն էլ հին օկտյաբրիստ է) պատրաստ է ցույց տալու հնարավոր ֆինանսական օգնություն։

― Դուք հայրենիքի հավատարիմ բարեկամն եք, ― հանդիսավոր կերպով ասաց Օստապը, հոտավետ խորովածի վրայից քաղցր կիպիանի խմելով։ ― Հինգ հարյուր ռուբլին կարող է փրկել մտքի գիգանտին։

― Ասացեք, ― աղերսագին հարցրեց Կիսլյարսկին, իսկ երկու հարյուրը չի՞ փրկի մտքի գիգանտին։

Օստապը չդիմացավ և սեղանի տակ խանդավառությամբ ոտքով խփեց Իպոլիտ Մատվեևիչին։

― Ես կարծում եմ, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, ― որ այս դեպքում սակարկությունը տեղին չէ։

Նա անմիջապես մի քացի ստացավ ազդրին, որ նշանակում էր․

«Բրա՛վո, Կիսա, բրավո, ահա թե ինչ է նշանակում շկոլա»։

Կիսլյարսկին առաջին անգամ լսեց մտքի գիգանտի ձայնը։ Նա այնպես զարմացավ այդ հանգամանքի վրա, որ անմիջապես հինգ հարյուր ռուբլի հանձնեց Օստապին։ Ապա վճարեց հաշիվը և, սեղանի շուրջը թողնելով բարեկամներին, հեռացավ գլխացավը պատճառ բռնելով։ Կես ժամ անց նա Ստարգորոդ կնոջը հեռագիր ուղարկեց․

Քո խորհրդով մեկնում եմ Ղրիմ համենայն դեպս պատրաստիր զամբյուղը

Օստապ Բենդերի ապրած երկար օրերի զրկանքները անհապաղ փոխհատուցում էին պահանջում։ Ուստի հենց նույն երեկոյան մեծ կոմբինատորը ռեստորանային լեռան վրա փայտացման աստիճանի խմեց և հյուրանոց գնալիս քիչ մնաց դուրս ընկեր վագոնից։ Հետևյալ օրը նա ի կատար ածեց վաղուցվա իր երազանքը։ Գնեց հիանալի պուտավոր մոխրագույն կոստյում։ Այդ կոստյումով շոգ էր, բայց և այնպես նա ման էր գալիս նրանով՝ քափուքրտինքի մեջ կորած։ Թիֆկոոպի պատրաստի հագուստների խանութում Վորոբյանինովի համար գնեցին սպիտակ պիկեի կոստյում և անհայտ յախտ֊ակումբի ոսկե դրոշմով ծովայինի ֆուրաժկա։ Այդ հանդերձանքով Իպոլիտ Մատվեևիչը նմանվում էր առևտրական նավի սիրող֊ծովակալի։ Նրա իրանը ձգվել էր, քայլվածքը դարձել հաստատուն։

― Ա՛խ, ― ասում էր Բենդերը, ― բարձր դաս։ Եթե ես կին լինեի, ձեզ նման գեղեցիկ տղամարդուն ութ տոկոս զեղջ կանեի սովորական գնից։ Ա՛խ, ա՛խ։ Այս տեսքով մենք կարող ենք շփվել։ Դուք կարո՞ղ եք շփվել, Կիսա։

― Ընկեր Բենդեր, ― կրկնում էր Վորոբյանինովը, ― բա ո՞նց է լինելու աթոռի բանը։ Պետք է իմանալ թատրոնի մասին։

― Խո՛֊խո՛, ― առարկեց Օստապը, աթոռի հետ պարելով «Օրիանտ» հյուրանոցի մավրիտանական մեծ համարում։ ― Մի սովորեցրեք ինձ ապրել։ Ես հիմա չար եմ։ Հիմա ես փող ունեմ։ Բայց ես մեծահոգի եմ։ Տալիս եմ ձեզ քսան ռուբլի և երեք օր քաղաքը կողոպտելու։ Ես Սուվորովի պես եմ․․․ Թալանեցե՛ք քաղաքը, Կիսա։ Քե՛ֆ քաշեք։

Եվ Օստապը ազդրերը թափահարելով, արագ տեմպով երգեց․

Իրիկվա զանգ, իրիկվա զանգ,
Որքան խոհեր է ծնում նա։

Բարեկամները մի ամբողջ շաբաթ օր ու գիշեր հարբեցողությամբ էին զբաղված։ Վորոբյանինովի ծովակալի կոստյումը գինու գունզգույն բծերով ծածկվեց, իսկ Օստապի կոստյումի վրա մի մեծ ծիածանագույն լաքա էր գոյացել։

― Բարև՛ ձեզ, ― ասաց ութերորդ առավոտյան Օստապը, որի խելքին փչեց խումար վիճակում կարդալ «Զարյա Վոստոկա»։ ― Լսեք դո՛ւք, հարբեցողի մեկը, թե ինչ են գրում թերթում խելացի մարդիկ։ Լսե՛ք։

Թատերական խրոնիկա

Երեկ, սեպտեմբերի 3֊ին, Թիֆլիսում գաստրոլները վերջացնելուց հետո, գաստրոլով Յալթա մեկնեց Մոսկովյան Կոլումբ թատրոնը։ Թատրոնը մտադիր է Ղրիմում մնալ մինչև Մոսկվայում ձմեռվա սեզոնի սկսվելը։

― Ըհը՛։ Ես ձեզ սսո՞ւմ էի, ― վրա բերեց Վորոբյանինովը։

― Ի՞նչ էիք ասում, ― չարացավ Օստապը։

Սակայն նա շփոթված էր։ Նրա համար շատ տհաճ բան էր այդ անփութությունը։ Գանձերի ետևից ընկնելու կուրսը Թիֆլիսում վերջացնելու փոխարեն, այժմ ստիպված էին մեկնել Ղրիմի թերակղզին։ Օստապն իսկույն անցավ գործի։ Գնվեց Բաթումի տոմս և պատվիրեցին տեղեր «Պեստել» շոգենավի երկրորդ կարգի նավասենյակում, որը Բաթումից Ֆեոդոսիա էր մեկնելու սեպտեմբերի 7֊ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23֊ին։

Սեպտեմբերի լույս տասնմեկի գիշերը, երբ «Պեստելը» փոթորկի պատճառով Անապա չմտնելով թեքվեց բաց ծովը և կուրս վերցրեց ուղիղ դեպի Յալթա, Իպոլիտ Մատվեևիչը երազ տեսավ։

Նա տեսավ, որ ինքը ծովակալի կոստյումով կանգնել է Ստարգորոդյան իր տան պատշգամբում և գիտե, որ ներքևում կանգնած ամբոխն իրենից ինչ֊որ բան է սպասում։ Վերամբարձ մեծ կռունկը նրա ոտքերի առջև իջեցրեց սև պտերով մի խոզ։

Եկավ դռնապան Տիխոնը պիջակի կոստյումը հագին և, խոզի ետևի ոտքերից բռնելով ասաց․

― Է՛խ, նրա հերն էլ անիծած, բա մի՞թե «Հավերժահարսը» ծոպ է տալիս։

Իպոլիտ Մատվեևիչի ձեռքին դաշույն հայտնվեց։ Դրանով նա հարվածեց խոզի կողին և նրա մեծ ու լայն վերքից ցեմենտի վրա թափվեցին և թռչկոտեցին ադամանդները։ Նրանք թռչկոտում և գնալով ավելի բարձրաձայն էին չխկչխկում։ Ի վերջո նրանց չխկչխկոցը անտանելի ու ահավոր դարձավ։

Իպոլիտ Մատվեևիչը զարթնեց իլյումինատորին ալիքի տված հարվածից։

Յալթային մոտեցան հանդարտ եղանակին, ուժասպառ անող արևոտ մի առավոտ։ Ծովային հիվանդությունից կազդուրված պարագլուխը հպարտ կանգնել էր նավախելին, սլավոնական ձուլածո հյուսագրով զարդարված զանգի մոտ։ Ուրախ Յալթյան ափի երկարությամբ շարք էր կանգնեցրել իր պստլիկ խանութները և լողացող ռեստորանները։ Նավահանգստում կանգնած էին քաթանե կտրովի տենտի տակ թավշյա նստելատեղերով կառքեր, «Ղրիմկուրսո»֊ի, «Ղրիմի շոֆեր» ընկերության ավտոմեքենաներն ու ավտոբուսները։ Աղյուսագույն աղջիկները պտտացնում էին բաց արած հովանոցները և թափահարում թաշկինակները։

Բարեկամները առաջինը իջան շիկացած ափը։ Կոնցեսիոներների երևալուն պես դիմավորողների և հետաքրքրվողների բազմությունից դուրս եկավ չեսուչե կոստյումով մի քաղաքացի և քայլերն արագ ուղղեց դեպի նավահանգստի տերիտորիայից դուրս գալու ելքը։ Բայց արդեն ուշ էր։ Մեծ կոմբինատորի որսկանի հայացքը արագ ճանաչեց չեսուչե քաղաքացուն։

― Սպասեցե՛ք, Վորոբյանինով, ― բղավեց Օստապը։

Եվ նա այնպես արագ նետվեց առաջ, որ ելքից մի տասը քայլ չանցած հասավ տղամարդուն։ Օստապը վայրկենապես վերադարձավ հարյուր ռուբլով։

― Ավելին չտվեց։ Ասենք, ես էլ չպնդեցի, թե չէ տուն վերադառնալու փող չի ունենա։

Եվ իրոք, Կիսլյարսկին հենց նույն ժամին ավտոմոբիլով ճղեց Ստավրոպոլ, իսկ այնտեղից երրորդ կարգի վագոնով ― տուն՝ Ստարգորոդ։

Կոնցեսիոներները ամբողջ օրն անցկացրին հյուրանոցում, հատակին մերկ նստած և ամեն րոպե վաննասենյակ դուշի տակ վազելով։ Բայց ջուրը տաք էր, ինչպես անպետք թեյ։ Շոգից փրկություն չկար։ Թվում էր, թե Յալթան հիմա ուր որ է կհալչի ու կհոսի ծովը։

Երեկոյան ժամը ութի մոտերքը, նզովելով աշխարհի բոլոր աթոռները, ընկերակիցները տաք կոշիկները քաշեցին ոտքերն ու գնացին թատրոն։

Խաղում էին «Ամուսնությունը»։ Շոգից տանջված Ստեփանը, ձեռքերի վրա կանգնած, քիչ էր մնում վայր ընկներ։ Ագաֆյա Տիխոնովնան վազում էր լարի վրայով, թաց ձեռքերով բռնած «Ես ուզում եմ Պոդկոլյոսինին» մակագրությամբ հովանոցը։ Այդ րոպեին, ինչպես և ամբողջ օրը, նա միայն մի բան էր ուզում։ Ուստի, և կամ գուցե հենց դրա համար, որ տաք ձվածեղ խժռող Ստեփանի դեմքը զզվանք առաջացրեց, ներկայացումը դուր չեկավ։

Կոնցեսիոներները գոհ էին, որովհետև իրենց աթոռը, երեք նոր ռոկոկո շքեղ բազկաթոռների հետ միասին, իր տեղումն էր։

Օթյակներից մեկում թաքնվելով, բարեկամներն համբերությամբ սպասեցին անասելի ձգձգված ներկայացման վերջին։ Հասարակությունը, վերջապես, ցրվեց և դերասանները դուրս վազեցին զովանալու։ Թատրոնում ոչ ոք չմնաց, բացի կոնցեսիոն ձեռնարկության փայատերերից։ Բոլորը դուրս վազեցին փողոց, վերջիվերջո տեղացող թարմ անձրևի տակ։

― Իմ ետևի՛ց, Կիսա, ― հրամայեց Օստապը։ ― Մի բան լինելու դեպքում՝ մենք թատրոնի ելքը կորցրած գավառացիներ ենք։

Նրանք բարձրացան բեմ և, լուցկի վառելով, բայց և այնպես հիդրավլիկ մամուլին կպչելով, հետազոտեցին ամբողջ բեմը։

Մեծ կոմբինատորը վազեց սանդուղքն ի վեր՝ բուտաֆորիանոց։

― Եկեք այստեղ, ― բղավեց նա։

Վորոբյանինովը ձեռքերը թափահարելով, վերև սլացավ։

― Տեսնո՞ւմ եք, ― ասաց Օստապը լուցկին վառելով։

Մշուշի միջից երևացին Հաբս֊ի աթոռի մի անկյունը և մի պատառ հովանոց «ուզոում եմ․․․» մակագրությամբ։

― Ահա՛։ Ահա մեր ապագան, ներկան և անցյալը։ Լուցկի վառեցեք, Կիսա։ Ես կհերձեմ սրան։

Եվ Օստապը ձեռքը կոխեց գրպանը գործիքներ հանելու։

― Դե՛հ, ― ասաց նա, ձեռքը պարզելով դեպի աթոռը, ― մի լուցկի էլ, պարագլուխ։

Լուցկին բռնկվեց, և տարօրինակ բան, աթոռն ինքն իրեն ցատկեց մի կողմ և հանկարծ, ապշած կոնցեսիոներների աչքի առջև, գետնի տակն անցավ։

― Մամա՜, ― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը, դեպի պատը թռչելով, թեև ոչ մի ցանկություն չուներ այդ անելու։

Զրնգոցով տեղահան եղան ապակիները, և «Ես ուզում եմ Պոդկոլյոսինին» մակագրությամբ հովանոցը, հողմի բերան ընկած, դուրս թռավ պատուհանից դեպի ծովը։ Օստապը պառկել էր հատակին, ֆաներե վահաններով փոքր֊ինչ ճզմված։

Ժամը տասներկուսնանց էր տասնչորս րոպե։ Դա 1927 թվականի Ղրիմի մեծ երկրաշարժի առաջին հարվածն էր։

Ամբողջ թերակզուն անթիվ ու անհամար աղետներ պատճառած ինը բալանոց հարվածը խլեց գանձը կոնցեսիոներների ձեռքից։

― Ընկե՛ր Բենդեր։ Ի՞նչ բան է սա, ― սարսափած բղավում էր Իպոլիտ Մատվեևիչը։

Օստապն ինքն իրեն կորցրել էր․ երկրաշարժը կանգնել էր նրա ճանապարհին։ Նրա հարուստ պրակտիկայում դա միակ դեպքն էր։

― Ի՞նչ բան է սա, ― վայնասուն էր բարձրացրել Վորոբյանինովը։

Փողոցից լսվում էին ձայներ, աղաղակ դոփդոփյուն։

― Սա նա է, որ մենք պետք է անմիջապես ճղենք փողոց, քանի պատը չի փլվել գլխներիս։ Շո՛ւտ, շո՛ւտ։ Տվե՛ք ձեր ձեռքը, շլյա՛պա։

Եվ նրանք նետվեցին դեպի ելքը։ Ի զարմանս նրանց, բեմից նրբանցք տանող դռան մոտ մեջքի վրա ողջ ու անվնաս ընկած էր հաբսյան աթոռը։ Իպոլիտ Մատվեևիչը շան պես կաղկանձելով մահացու ըռխումով կառչեց նրանից։

― Տափակբերա՛նը տվեք, ― բղավեց նա Օստապին։

― Քոսոտ ապուշի մեկը, ― հեծեց Օստապը։ ― Առաստաղը հիմա կփլչի, իսկ սա այստեղ ցնդել է։ Շո՛ւտ դեպի փողոց։

― Տափակբերա՜նը, ― գոռում էր խելացնոր Իպոլիտ Մատվեևիչը։

― Ձեր հերն էլ անիծած։ Կորչեցեք այստեղ ձեր աթոռով։ Իսկ կյանքը թանկ է ինձ համար իբրև հիշատակ։

Այդ խոսքերով Օստապը նետվեց դեպի դուռը։ Իպոլիտ Մատվեևիչը փնթփնթաց և, աթոռը գրկած, վազեց Օստապի ետևից։

Հենց որ նրանք հայտնվեցին նրբանցքի մեջտեղը, գետինն ասես երերաց ոտքերի տակ, կղմինդր թափվեց թատրոնի կտուրից, իսկ կոնցեսիոներների հենց նոր լքած տեղում ընկած էին հիդրավլիկ մամուլի մնացորդները։

― Դե, հիմա տվեք աթոռը, ― սառնարյուն ասաց Բենդերը։ ― Ինչպես տեսնում եմ, ձանձրացաք այն բռնելուց։

― Չեմ տա, ― ծվծվաց Իպոլիտ Մատվեևիչը։

― Սա ի՞նչ բան է։ Ապստամբությո՞ւն նավի վրա։ Տվեք աթոռը։ Լսո՞ւմ եք։

― Սա ի՛մ աթոռն է, ― ծղրտաց Վորոբյանինովը, ձայնակոխ անելով ամեն կողմից լսվող հառաչանքը, լացը և ճարճատյունը։

― Այդ դեպքում ստացեք հոնորարը, քավթառ քուսի։

Եվ Օստապը պղնձե ձեռքով մի լավ հասցրեց Վորոբյանինովի վզակոթին։

Հենց այդ պահին նրբանցքով սլացավ հրշեջ գումակը ջահերով, և նրանց թրթռուն լույսերի տակ Իպոլիտ Մատվեևիչը Բենդերի դեմքի վրա այնպիսի ահավոր մի արտահայտություն կարդաց, որ վայրկենապես հնազանդվեց ու տվեց աթոռը։

― Դե, հիմա լավ է, ― ասաց Օստապը շունչ քաշելով, ― ապստամբությունը ճնշված է։ Իսկ հիմա վերցրեք աթոռը և բերեք իմ ետևից։ Դուք պատասխանատու եք իրի անվտանգության համար։ Եթե նույնիսկ հիսուն բալի հարված լինի, աթոռը պետք է պահպանվի։ Հասկացա՞ք։

― Հասկացա։

Ողջ գիշերը կոնցեսիոներները թափառում էին խուճապահար ամբոխի հետ, մյուսների պես սիրտ չանելով մտնել լքած տները և սպասելով նոր հարվածների։

Լուսաբացին, երբ երկյուղը փոքր֊ինչ պակասեց, Օստապը ընտրեց մի տեղ, որի մոտերքը ո՛չ փլչելու ենթակա պատ կար, ո՛չ խանգարող մարդիկ, և ձեռնամուխ եղավ աթոռը հերձելուն։

Հերձման արդյունքները ապշեցրին երկու կոնցեսիոներներին։ Աթոռի մեջ ոչինչ չկար։ Իպոլիտ Մատվեևիչը գիշերվա և ցերեկվա բոլոր այդ ցնցումներին չդիմանալով, ծիծաղեց առնետի ծիծաղով։

Դրանից անմիջապես հետո լսվեց երրորդ հարվածը, գետինը պատռվեց և կուլ տվեց երկրաշարժի առաջին հարվածին խնայված և մարդկանց կողմից ջարդուփշուր եղած հաբսյան աթոռը, որի ծաղիկները ժպտացին փոշու ամպերի մեջ ծագած արևին։

Իպոլիտ Մատվեևիչը կանգնեց չորեքթաթ և, ճմռթված դեմքը արևի կարմրապղտոր սավառնակին ուղղելով, ոռնաց։ Մեծ կոմբինատորը, լսելով նրան, ուշաթափ եղավ։ Երբ նա սթափվեց, կողքին տեսավ Վորոբյանինովի մազերով պատած կզակը։ Իպոլիտ Մատվեևիչը գիտակցությունը կորցրել էր։

― Վերջի վերջո, ― ասաց Օստապը տիֆից կազդուրվողի ձայնով, ― հիմա մենք հարյուրից հարյուր շանս ունենք։ Վերջին աթոռը («աթոռ» բառը լսելուն պես, Իպոլիտ Մատվեևիչը սթափվեց) անհետացավ Հոկտեմբերյան կայարանի ապրանքային բակում, բայց տակավին գետնի տակը չի անցել։ Ինչո՛ւմն է բանը։ Նիստը շարունակվում է։

Ինչ֊որ տեղ դղրդոցով աղյուսներ էին թափվում։ Երկար ու զիլ սուլում էր շոգենավի շչակը։

Գանձը

Հոկտեմբերի վերջի անձրևոտ մի օր Իպոլիտ Մատվեևիչը առանց պիջակի, արծաթե մանր աստղերով պատած լուսնկա ժիլետով, եռանդուն գործի վրա էր Իվանոպուլոյի սենյակում։

Իպոլիտ Մատվեևիչը աշխատում էր լուսամուտի գոգին, որովհետև մինչև օրս սենյակում սեղան չկար։ Մեծ կոմբինատորը գեղարվեստական գծով մեծ պատվեր էր ստացել բնակընկերությունների համար հասցեների աղյուսկաներ պատրաստելու։ Աղյուսակների պատրաստումը տրաֆարետով Օստապը հանձնարարել էր Վորոբյանինովին, իսկ ինքը Մոսկվա գալու օրվանից գրեթե մի ամիս պտտվում էր Հոկտեմբերյան կայարանի շրջակայքում, անասելի մոլեգնույթամբ որոնելով վերջին աթոռի հետքերը, որն իր մեջ անպայմանորեն թաքցնում էր մադամ Պետուխովայի ադամանդները։

Իպոլիտ Մատվեևիչը ճակատը կնճռոտելով տրաֆարետում էր երկաթյա տախտակները։ Ադամանդային արշավի կես տարվա ընթացքում նա կորցրել էր իր սովորությունները։

Գիշերները Իպոլիտ Մատվեևիչը երազում տեսնում էր վայրենի տրանսպարանտներով զարդարված լեռնաշղթաներ, աչքերի առջևով, դարչնագույն ազդրերը ցնցելով, թռչում էր Իզնուրենկովը, շուռ էին գալիս նավակներ, խեղդվում էին մարդիկ, երկնքից աղյուս էր ընկնում և երախը լայն բացած գետինը աչքերին ծծմբածուխ էր փչում։

Օստապը, որ ամեն օր Իպոլիտ Մատվեևիչի կողքին էր, ոչ մի փոփոխություն չէր նկատում նրա մեջ։ Մինչդեռ Իպոլիտ Մատվեևիչը արտասովոր կերպով փոխվել էր։ Իպոլիտ Մատվեևիչի քայլվածքն էլ անգամ այն չէր, աչքերի արտահայտություն էլ դարձել էր վայրենի, աճած բեղերն էլ արդեն երկրի մակերեսին զուգահեռ չէին ցցված, այլ գրեթե ուղղահայաց, ինչպես քավթառ կատվի բեղերը։

Իպոլիտ Մատվեևիչը փոխվել էր և ներքուստ։ Նրա բնավորության մեջ հայտնվել էին առաջներում ոչ հատուկ վճռականության և դաժանության գծեր։ Երեք միջադեպ հեզհետե նրա մեջ դաստիարակել էին այդ նոր զգացմունքները․ վասյուկինցի շախմատասերների ծանր բռնուցքներից հրաշքով փրկվելը, Պյատիգորսկի ― «Ծաղկանոցի» մոտերքի մուրացկանություն անելու առաջին դեբյուտը, վերջապես՝ երկրաշարժը, որից հետո Իպոլիտ Մատվեևիչը փոքր֊ինչ վնասվեց և գաղտնի ատելություն պահեց մեջը իր կոմպանինոնի նկատմամբ։

Վերջին ժամանակներս Իպոլիտ Մատվեևիչը բռնվել էր ուժեղագույն կասկածանքներով։ Նա վախենում էր, թե Օստապը ինքը բաց կանի աթոռը և գանձը վերցնելով կմեկնի, բախտի քմահաճույքին թողնելով իրեն։ Նա չէր համարձակվում արտահայտել իր կասկածանքերը, ծանոթ լինելով Օստապի ծանր ձեռքերին և նրա անդրդվելի բնավորությանը։ Ամեն օր պատուհանի մոտ նստած և քառթված հին ածելիով չորացած տառերը քերելով, Իպոլիտ Մատվեևիչը տանջվում էր։ Ամեն օր նա վախենում էր, թե Օստապն այլևս չի գա, և ինքը, ազնվականության նախկին պարագլուխը, սովամահ կլինի մոսկովյան խոնավ ցանկապատի տակ։

Բայց Օստապը գալիս էր ամեն երեկո, թեև ուրախ լուրեր չէր բերում։ Անսպառ էին նրա եռանդը և ուրախությունը։ Հույսը ոչ մի րոպե չէր լքում նրան։

Միջանցքում ոտնաձայն լսվեց, ինչ֊որ մեկը զրխկաց անկիզելի պահարանին, և ֆաներե դուռը լայն բացվեց քամու շուռ տված էջի թեթևությամբ։ Շեմքին կանգնել էր մեծ կոմբինատորը։ Նա ամբողջովին թրջված էր, այտերը այրվում էին խնձորների պես։ Նա շնչում էր ծանր։

― Իպոլիտ Մատվե՛ևիչ, ― բղավեց նա։ ― Լսեցե՛ք, Իպոլիտ Մատվեևիչ։

Վորոբյանինովը զարմացավ։ Դեռ երբեք տեխնիկական դիրեկտորը իրեն անուն֊հայրանունով չէր կանչել։ Եվ հանկարծ նա հասկացավ․․․

― Կա՞, ― արտաշնչեց նա։

― Բանն էլ հենց այդ է, որ կա։ Ա՛խ, Կիսա, գրողը ձեզ տանի։

― Մի բղավեք, ամեն ինչ լսվում է։

― Ճիշտ է, ճիշտ է․ կարող են լսել, ― արագ֊արագ շշնջաց Օստապը։ ― Կա՛, Կիսա, կա, և եթե ուզում եք, ես կարող եմ հիմա ևեթ ցուցադրել այն։ Նա երկաթուղայինների ակումբումն է, նոր ակումբում․․․ Երեկ բացումն էր․․․ Ինչպե՞ս գտա։ Դատարկ բա՞ն։ Անասելի դժվար էր։ Հանճարեղ կոմբինացիա, փայլուն կերպով մինչև վերջը տարված։ Անտիկ արկած․․․ Մի խոսքով, բարձր կարգի մի բան։

Չսպասելով, մինչև Իպոլիտ Մատվեևիչը պիջակը կքաշեր վրան, Օստապը դուրս վազեց միջանցք։ Վորոբյանինովը սանդուղքի վրա միացավ նրան։ Երկուսն էլ, մեկ մեկու հետ հուզված հարցեր փոխանակելով, թաց փողոցներով սլանում էին դեպի Կալանչևյան հրապարակը։ Նրանք նույնիսկ գլխի չընկան, որ կարելի է նստել տրամվայ։

― Դուք հագնված եք կոշկակարի պես, ― ուրախ֊ուրախ շաղակրատում էր Օստապը։ ― Ո՞վ է այդպես ման գալիս, Կիսա։ Ձեզ հարկավոր են օսլայած սպիտակեղեն, մետաքսյա գուլպաներ և, իհարկե ցիլինդր։ Ձեր դեմքի վրա ինչ֊որ ազնիվ բան կա։ Ասացեք, դուք իսկապե՞ս եղել եք ազնվականության պարագլուխ։

Ցույց տալով պարագլխին աթոռը, որ դրված էր շախմատային խմբակի սենյակում և ուներ ամենասովորական հաբսյան տեսք, թեև իր մեջ անսահման արժեքներ էր թաքցնում, Օստապը Վորոբյանինովին քարշ տվեց միջանցք։ Այստեղ ոչ ոք չկար։ Օստապը մոտեցավ ձմեռվա համար դեռ չծեփած պատուհանին և բնից դուրս քաշեց երկու շրջանակների սողնակները։

― Այս պատուհանից, ― ասաց նա, ― մենք այսօր գիշերը ուզածդ ժամին հեշտ ու հանգիստ կընկնենք ակումբ։ Հիշեցեք, Կիսա, շքամուտքից երրորդ պատուհանը։

Նրանք դեռ երկար թափառեցին ակումբում իբրև գավժողկրթբաժնի ներկայացուցիչներ և չէին կարողանում չհիանալ հրաշալի դահլիճներով և սենյակներով։

― Եթե ես Վասյուկիում խաղայի ահա այսպիսի մի աթոռի վրա նստած, ― ասաց Օստապը, ― ապա ոչ մի խաղ տանուլ չէի տա։ Ոգևորությունը թույլ չէր տա։ Սակայն, գնանք, ծերուկ, ես հոգեպահուստ քսանհինգ ռուբլի ունեմ։ Գիշերվա այցելություններից առաջ մենք պետք է գարեջուր խմենք և հանգստանանք։ Գարեջուրը ձեզ անհարմար վիճակի մեջ չի՞ գցում, պարագլուխ։ Փույթ չէ։ Վաղը դուք շամպայն կլակեք անսահման քանակությամբ։

Գարեջրատնից Սիվցեվ Վրաժեկ գնալիս Բենդերը անասելի զվարճանում և խայթում էր անցորդներին։ Նա փարվում էր թեթևակի հարբած Իպոլիտ Մատվեևիչի ուսերին և քնքշությամբ ասում․

― Դուք չափից շատ համակրելի ծերուկ եք, Կիսա, բայց ես ձեզ տասը տոկոսից ավել չեմ տա։ Աստված վկա, չեմ տա։ Դե լավ, ձեր ինչների՞ն է պետք այդքան փողը։

― Ինչպե՞ս թե ինչներին։ Ինչպե՞ս թե ինչներին, ― տաքանում էր Իպոլիտ Մատվեևիչը։

Օստապն անկեղծ սրտով ծիծաղում և այտը հպում էր կոնցեսիայի իր ընկերոջ թաց թևքին։

― Ախր ի՞նչ եք գնելու, Կիսա։ Ի՞նչ։ Չէ՞ որ դուք ոչ մի ֆանտազիա չունեք։ Աստված է վկա, տասնհինգ հազարը ձեզ բոլ֊բոլ հերիք է։ Չէ՞ որ շուտով դուք մեռնելու եք, ախր շատ ծեր եք։ Ձեզ ընդհանրապես փող պետք չէ․․․ Գիտեք ինչ, Կիսա, վայ թե ես ձեզ ոչինչ չտամ։ Դա երես տալ կլինի։ Իսկ ձեզ, Կիսուլյա, կվերցնեմ ինձ մոտ քարտուղար։ Հը՞։ Ամսական քառասուն ռուբլի։ Ուտելիքն ինձանից։ Չորս հանգստի օր․․․ Հը՞։ Արտահագուստ, թեյի փող, սոցապ․․․ Հը՞։ Ընդունելի՞ է ձեզ այս առաջարկությունը։

Իպոլիտ Մատվեևիչը ձեռքը պոկեց և արագ֊արագ առաջ շարժվեց։ Այդ կատակները նրան կատաղության էին հասցնում։

Օստապը վարդագույն առանձնատան մուտքի մոտ հասավ Վորոբյանինովին։

― Դուք իսկապե՞ս նեղացաք ինձանից, ― հարցրեց Օստապը։ ― Ես ախր կատակ էի անում։ Դուք ձեր երեք տոկոսը կստանաք։ Վկա է աստված, երեք տոկոսը ձեզ բավական է, Կիսա։

Իպոլիտ Մատվեևիչը մռայլ ներս մտավ սենյակ։

― Հը՞, Կիսա, ― հոգու հետ էր խաղում Օստապը, ― համաձայնեք երեք տոկոսին։ Աստված վկա, համաձայնեք։ Մեկ ուրիշը կհամաձայներ։ Սենյակ գնելու կարիք չունեք, մանավանդ, որ Իվանոպուլոն Տվեր է մեկնել մի ամբողջ տարով։ Կամ այնուամենայնիվ ինձ մոտ ընդունվեք որպես սպասավոր․․․ Տաքուկ տեղ է։

Տեսնելով, որ Իպոլիտ Մտավեևիչին ոչնչով չի կարող տակնուվրա անել, Օստապը անուշ հորանջեց, ձգվեց մինչև առաստաղը, լայն կրծքավանդակը լցրեց օդով և ասաց․

― Է՛, բարեկամս, գրպաններդ պատրաստիր։ Ակումբ կգնանք լուսաբացից առաջ։ Դա ամենալավ ժամանակն է։ Պահակները քնած քաղցր երազներ են տեսնում, որի համար նրանց հաճախ հեռացնում են առանց արձակման նպաստի։ Իսկ առայժմ, սիրելիս, խորհուրդ եմ տալիս ձեզ հանգստանալ։

Օստապը պառկեց Մոսկվայի զանազան մասերից հավաքած երեք աթոռների վրա և, նիրհելով, արտասանեց․

― Կամ սպասավոր․․․ Կարգին ռոճիկ․․․ Ուտելիք․․․ Թեյափող․․․ Դե լավ, լավ, կատակ եմ անում․․․ Նիստը շարունակվում է։ Սառույցը շարժվե՛ց, պարոնայք երդվյալ ատենակալներ։

Դրանք մեծ կոմբինատորի վերջին խոսքերն էին։ Նա քնեց անհոգ քնով, խոր, թարմացնող և երազներով չծանրաբեռնված քնով։

Իպոլիտ Մատվեևիչը դուրս ելավ փողոց։ Նա լեցուն էր կատաղությամբ և չարությամբ։ Լուսինը ցատկոտում էր ամպային գուղձերի վրայով։ Առանձնատների թաց հարթակները յուղոտ փայլփլում էին։ Ջրափոշու պսակներով շրջապատված գազային լապտերները տագնապալից պլպլում էին։ «Օրյոլ» գարեջրատնից դուրս հրեցին մի հարբածի։ Հարբածը գոռաց։ Իպոլիտ Մատվեևիչը խոժոռվեց և հաստատ վերադարձավ։ Նա մի ցանկություն ուներ՝ ամեն բան շուտ վերջացնել։

Նա մտավ սենյակ, խստադեմ նայեց քնած Օստապին, սրբեց պենսնեն և լուսամուտի գոգից վերցրեց ածելին։ Նրա քառթերի վրա երևում էին յուղաներկի չորացած թեփերը։ Նա ածելին դրեց գրպանը, մի անգամ ևս անցավ Օստապի կողքով, առանց նրա վրա նայելու, բայց լսելով նրա շնչառությունը, և հայտնվեց միջանցքում։ Այստեղ խաղաղ էր ու անդորր։ Ինչպես երևում է, բոլորն արդեն քնել էին։ Միջանցքի լիակատար մթության մեջ Իպոլիտ Մատվեևիչը հանկարծ ժպտաց ամենախայթիչ ժպիտով և զգաց, որ ճակատի մաշկը շարժվեց։ Այդ նոր զգացումն ստուգելու համար նա նորից ժպտաց։ Հանկարծ հիշեց, որ գիմնազիայում աշակերտ Պիծտևե֊Կակուևը կարողանում էր ականջները շարժել։

Իպոլիտ Մատվեևիչը հասավ մինչև սանդուղքը և ուշադիր ականջ դրեց։ Սանդուղքի վրա ոչ ոք չկար։ Փողոցից լսվում էր կառապանի ձիու սմբակների ընդգծված բարձր ու որոշակի շխկոցը, ասես համրիչի վրա էին գցում։ Պարագլուխը կատվի քայլերով վերադարձավ սենյակ, աթոռի վրա կախված Օստապի պիջակից հանեց քսանհինգ ռուբլին և տափակբերանը, գլխին դրեց ծովակալի կեղտոտ ֆուրաժկան ու նորից ականջ դրեց։

Օստապը քնած էր խաղաղ, առանց ֆսֆսացնելու։ Նրա քթախոռոչը և թոքերն աշխատում էին իդեալականորեն, օդը կանոնավոր կերպով ներշնչելով և արտաշնչելով։ Հաստ ու պինդ ձեռքը կախվել էր մինչև հատակը։ Իպոլիտ Մատվեևիչը, զգալով քունքերակի վայրկյանական զարկերը, առանց շտապելու աջ թևը քշտեց մինչև արմունկը, մերկացրած ձեռքը փաթաթեց խավոտ երեսսրբիչով, քաշվեց դռան կողմը, գրպանից հանեց ածելին և աչքի չափով հաշվելով սենյակի տարածությունը, անջատիչը պտտեցրեց։ Լույսը մարեց, բայց սենյակը թեթևակի լուսավորված էր փողոցային լապտերի կապտավուն ակվարիումային լույսով։

― Ավելի լավ, ― շշնջաց Իպոլիտ Մատվեևիչը։

Նա մոտեցավ սնարին և, ածելիով ձեռքը հեռու պահած, շեղբը մեկից ամբողջ ուժով թեք խրեց Օստապի կոկորդը, ածելին անմիջապես դուրս քաշեց և ետ ցատկեց դեպի պատը։ Մեծ կոմբինատորը արձակեց մի ձայն, որն արձակում է խոհանոցի կոնքը՝ ջրի մնացորդները ներծծելիս։ Իպոլիտ Մատվեևիչին հաջողվեց չկեղտոտվել արյունով։ Քարե պատը պիջակով սրբելով, նա աննկատելիորեն մոտեցավ երկնագույն դռանը և մի վայրկյան նորից նայեց Օստապին։ Նրա մարմինը երկու անգամ ճկվել և փռվել էր աթոռների մեջքերին։ Փողոցի լույսը լողում էր հատակին գոյացած արյան սև լճակի մեջ։

«Ի՞նչ լճակ է դա, ― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով։ Հա, հա, արյուն է․․․ Ընկեր Բենդերը վախճանվեց»։

Վորոբյանինովն արձակեց փոքր֊ինչ կեղտոտած երեսսրբիչը, նետեց մի կողմ, ապա ածելին զգուշությամբ դրեց հատակին և հեռացավ՝ դուռը կամացուկ ծածկելով։

Փողոց դուրս գալով, Իպոլիտ Մատվեևիչը հոնքերը կիտեց և «բոլոր ադամանդներն են իմը և ոչ թե վեց տոկոսը» քրթմնջալով, գնաց Կալանչևյան հրապարակը։

Երկաթուղային ակումբի շքամուտքից երրորդ պատուհանի մոտ Իպոլիտ Մատվեևիչը կանգ առավ։ Նոր շենքի հայելանման պատուհանները մարգարտյա գորշություն ունեին բացվող առավոտվա լույսի տակ։ Խոնավ օդի մեջ հնչում էին մանևրող շոգեքարշների խուլ ձայները։ Իպոլիտ Մատվեևիչը ճարպկորեն մագլցեց քիվի վրա, հրեց շրջանակը և անաղմուկ ներս թռավ միջանցք։

Հեշտ կողմնորոշվելով ակումբի նախալուսաբացի գորշ դահլիճներում, Իպոլիտ Մատվեևիչը մտավ շախմատային կաբինետը և, գլուխը կպցնելով պատից կախված Էմանուիլ Լասկերի դիմանկարին, մոտեցավ աթոռին։ Նա չէր շտապում։ Շտապելու հարկ չկար։ Ոչ ոք նրա ետևից չէր ընկել։ Գրոսմեյստեր Օ․ Բենդերը հավիտենական քնով քնած էր Սիվցև Վրաժեկի վարդագույն առանձնատան մեջ։

Իպոլիտ Մատվեևիչը նստեց հատակին, իր ջլուտ ոտքերով գրկեց աթոռը և ատամնաբույժի սառնասրտությամբ սկսեց աթոռից դուրս քաշել պղնձյա մեխերը, ոչ մեկը բաց չթողնելով։ Վաթսուներկուրորդ մեխի վրա նրա աշխատանքը վերջացավ։ Անգլիական չիթը և ռագոժան ազատ ընկած էին աթոռի պաստառին։

Բավական էր միայն բարձրացնել դրանք, տեսնելու համար թանկարժեք քարերով լեցուն տուփերը, տուփուկներն ու արկղիկները։

«Անմիջապես ավտոմոբիլ, ― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով, որ կյանքի իմաստությունը սովորել էր մեծ կոմբինատորի դպրոցում, ― ու կայարան։ Եվ լեհական սահմանը։ Որևէ քարի դիմաց ինձ կանցկացնեն այն կողմը, իսկ այնտեղ․․․»։

Եվ, ցանկանալով շուտ տեսնել, թե ինչ է լինելու «այնտեղ», Իպոլիտ Մատվեևիչը աթոռի վրայից քաշեց չիթն ու ռագոժան։ Նրա աչքերի առջև բացվեցին զսպանակներ, անգլիական հիանալի զսպանակներ, և լցվածք, մինչպատերազմյան որակի հրաշալի լցվածք, որպիսին հիմա ոչ մի տեղ չես գտնի։ Բայց աթոռի մեջ ուրիշ ոչինչ չկար։ Իպոլիտ Մատվեևիչը մեքենայորեն խառնշտորեց լցվածքը և կես ժամի չափ նստել էր՝ աթոռը կառչուն ոտքերից բաց չթողնելով և բութ֊բութ կրկնելով․

― Հապա ինչո՞ւ այստեղ ոչինչ չկա։ Այդ չի՛ կարող պատահել։ Այդ չի՛ կարող պատահել։

Գրեթե լույս էր արդեն, երբ Վորոբյանինովը, ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես եղել էր շախմատային կաբինետում, մոռանալով այնտեղ տափակաբերանն ու գոյություն չունեցող յախտ֊ակումբի ոսկե դրոշմով ֆուրաժկան, աննկատ, ծանր ու հոգնած դուրս սողաց փողոց։

― Այդ չի կարող պատահել, ― կրկնեց նա, մի թաղամաս անցնելուց հետո։ ― Այդ չի կարող պատահել։

Եվ նա կրկին վերադարձավ ակումբ ու սկսեց ման գալ նրա մեծ պատուհանների երկարությամբ, շուրթերը շարժելով։

― Այդ չի՛ կարող պատահել։ Այդ չի՛ կարող պատահել։ Այդ չի՛ կարող պատահել։

Երբեմն նա ճչում էր և բռնում առավոտվա մառախուղից խոնավացած գլուխը։ Վերհիշելով գիշերվա բոլոր դեպքերը, նա ցնցում էր ալեհեր մազերը։ Ադամանդյա գրգիռը շատ ուժեղ միջոց դուրս եկավ․ հինգ րոպեում նա զառամեց։

― Տեղից վեր կացողը ման է գալիս, ― լսեց Վորոբյանինովը իր՝ ականջի ետևում։

Նա տեսավ բրեզենտե արտահագուստով և սառը սապոգներով պահակին։ Պահակը շատ ծեր էր և, ըստ երևույթին, բարի։

― Մի գլուխ գալիս են ու գալիս, ― սրտաբացորեն ասում էր ծերուկը, որին ձանձրացրել էր գիշերվա մենակությունը, ― դուք էլ, ընկեր, հետաքրքրվում եք։ Ճիշտ էլ որ։ Մեր ակումբը, կարելի է ասել, անսովոր ակումբ է։

Իպոլիտ Մատվեևիչը տանջալից դեմքով նայեց կարմրադեմ ծերուկին։

― Հա՜, ― ասաց ծերուկը, ― սովորական ակումբ չէ սա։ Դրա նմանը ոչ մի տեղ չեք գտնի։

― Իսկ ի՞նչ անսովոր բան կա այստեղ, ― հարցրեց Իպոլիտ Մտվեևիչը, մտքերը ժողովելով։

Ծերուկը ուրախ֊ուրախ նայեց Վորոբյանինովին։ Ըստ երևույթին, արտասովոր ակումբի պատմությունը շատ դուր էր գալիս հենց իրեն և նա սիրում էր կրկնել այն։

― Ահա թե ինչ, ― սկսեց ծերուկը, ― տասը տարի է էստեղ պահակություն եմ անում, համա էսպիսի դեպքի չէի հանդիպել։ Դու լսիր, զինվորիկ։ Եվ ահա էստեղ մի մշտական ակումբ կար, հայտնի թե ինչ ակումբ, քարշի ծառայության, առաջին ուղեմասի ակումբ։ Ես հենց նրա պահակն էի։ Անպետք ակումբ էր․․․ Վառում էին, վառում ու ոչինչ անել չէին կարող։ Իսկ ընկեր Կրասիլնիկովը հարձակվում էր վրաս․ «Ուր է, միթամ, գնում փետը»։ Իսկ ես հո չէ՞ի ուտում էդ փետը։ Շա՜տ տանջվեց էդ ակումբի ձեռքին ընկեր Կրասիլնիկովը ― էս յանը խոնավ էր, էն յանը ցուրտ, փողային խմբի սենյակ չկար ու թատրոնում խաղալը տանջանք էր․ պարոնայք արտիստները սառչում էին։ Հինգ տարի շարունակ վարկ էին խնդրում նոր ակումբի համար, համա չգիտեմ, թե ինչ էր դուրս գալիս։ Դորպրոֆսոժը վարկը չէր հաստատում։ Միայն էս գարնանը ընկեր Կրասիլնիկովը բեմի համար մի աթոռ գնեց, լավ, փափուկ աթոռ․․․

Իպոլիտ Մատվեևիչը, ամբողջ մարմնով դեպի ծերուկը թեքված, լսում էր։ Նա կիսաուշաթափ վիճակումն էր։ Իսկ ծերուկը սրտանց ծիծաղելով պատմում էր, թե ինչպես մի անգամ բարձրացավ այդ աթոռի վրա էլեկտրական լամպը հանելու ու վայր գլորվեց։

― Էդ աթոռից վեր ընկա, երեսի շորը պատռվեց։ Տեսնեմ ի՜նչ, շորի տակից ապակու մանր կտորներ թափվեցին ու մեկ էլ թելաշար սպիտակ ուլունքներ։

― Ուլունքնե՜ր, ― վրա բերեց Իպոլիտ Մատվեևիչը։

― Ուլունքնե՛ր, ― ծվծվաց ծերուկը հիացած։ ― Նայում եմ դենը, զինվորիկ, իսկ էնտեղ զանազան տուփեր։ Ես տուփերին իսկի ձեռք էլ չտվեցի։ Դուզ վազեցի ընկեր Կրասիլնիկովի մոտ ու պատմեցի։ Էդպես էլ պատմեցի հանձնաժողովին։ Ես էդ տուփերին ձեռք չեմ տվել։ Ու լավ էլ արեցի, զինվորիկ, որովհետև էնտեղ բուրժույների թաքցրած թանկարժեք իրեղեններ էին գտնվել։

― Բա ո՞ւր են թանկարժեք իրերը, ― բղավեց պարագլուխը։

― Ուր են, ուր են, ― տնազեց ծերուկը, ― էստեղ, զինվորիկ, հասկանալ է պետք։ Հրե՛ս դրանք։

― Ո՞ւր է, ո՞ւր է։

― Հրես էլի, ― բղավեց կարմրադեմ ծերուկը, ուրախանալով գործած էֆեկտի վրա։ ― Հրե՛ս դրանք։ Ակնոցներդ մաքրի։ Ակումբ շինեցին դրանցով, զինվորիկ, տեսնո՞ւմ ես։ Հրես ակումբը։ Շոգեջեռուցում, ժամացույցով շաշկի, բուֆետ, թատրոն, կալոշներով ներս չեն թողնում։

Իպոլիտ Մատվեևիչը սառեց մնաց և, տեղից չշարժվելով, աչքերը հածում էր քիվերի վրայով։

Ահա՛ թե որտեղ է մադամ Պետուխովայի գանձը։ Ահա՛ նա։ Ամբողջն էլ այստեղ է։ Ամբողջ հարյուր հիսուն հազար ռուբլի զրո֊զրո կոպեկը, ինչպես սիրում էր ասել Օստապ Սուլեյման֊Բերտա֊Մարիա Բենդերը։

Ադամանդները վերածվել էին ճակատային համատարած ապակիների և երկաթբետոնե ծածկերի, մարմնամարզական հովասուն դահլիճները շինվել էին մարգարիտներից։ Ալմաստե ապարոշը վերածվել էր պտտվող բեմ ունեցող թատերական դահլիճի, սուտակե կախազարդերը ներաճել ու դարձել էին ամբողջական ջահեր, զմրուխտավոր օձաձև ոսկյա ապարանջանները փոխակերպվել էին հիանալի գրադարանի, իսկ ճարմանդավոր մանյակը վերամարմնավորվել ու դարձել էր մանկամսուր, պլանյորային արհեստանոց, շախմատային կաբինետ և բիլիարդանոց։

Գանձը մնացել էր, նա պահպանվել և նույնիսկ ավելացել էր։ Այն կարելի էր ձեռքով շոշափել, բայց չէր կարելի վերցնել ու տանել։ Նա ծառայության էր անցել ուրիշ մարդկանց մոտ։

Իպոլիտ Մատվեևիչը ձեռքով շոշափեց գրանիտե երեսվածքը։ Քարի սառնությունը անցավ մինչև սրտի խորքը։

Եվ նա ճչաց։

Նրա ճիչը՝ կատաղի, մոլեգին ու վայրի, ― տեղնուտեղը զարկված էգ գայլի ճիչը, ― թռավ հասավ հրապարակի մեջտեղը, նետվեց կամրջի տակ և ամեն տեղից ետ մղվելով արթնացող մեծ քաղաքի ձայներով, սկսեց նվազել և մի րոպեում հյուծվեց։ Աշնան հոյակապ առավոտը խոնավ տանիքներից թավալգլոր իջավ Մոսկվայի փողոցները։ Քաղաքը ելավ իր առօրյա արշավին։

Ծանոթագրություններ

  1. Աստղագիտական կամ գեոդեզիական գործիք։
  2. ԱԽՌՌ ֊ հապավված բառ է՝ Ռևոլյուցիոն Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա։
  3. Բառախաղ «дело ևтело» բառերի։
  4. Մոսկվայի կոմունալ տնտեսություն
  5. ՄՍՊՕ ― հապավված բառ է․ Մոսկվայի սպառողական ընկերությունների միություն։