«Անաբասիս»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անաբասիս |հեղինակ = Քսենոփոն |թարգմանիչ = Սիմոն Կրկյաշարյան |աղբյուր = «...»:)
(Տարբերություն չկա)

09:53, 21 Մայիսի 2016-ի տարբերակ

Անաբասիս

հեղինակ՝ Քսենոփոն
թարգմանիչ՝ Սիմոն Կրկյաշարյան
աղբյուր՝ «Անաբասիս»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գիրք առաջին

I. Դարեհն ու Պարիսատիսը[1] ունեցան երկու որդի. ավագը՝ Արտաքսերքսես[2], իսկ կոոսերը՝ Կյուրոս[3]։ Ու երբ Դարեհը հիվանդացավ[4] և կանխազգաց, թե մոտալուտ է իր կյանքի վախճանը, ցանկացավ, որ իրեն ներկայանան իր երկու որդիները։ (2) Պատահեց, որ ավագ որդին արդեն իր մոտ էր գտնվում։ Իսկ Կյուրոսին կանչեց այն երկրից, որտեղ նրան սատրապ էր նշանակել[5], միաժամանակ և ստրատեգոս հայտարարել այն բոլոր զորքերի, որոնք գումարվում են Կաստոլոսի դաշտում[6]։ Եվ այսպիսով Կյուրոսը ճանապարհվում է, վերցնելով իր նետ Տիսսափեռնեսին[7] որպես ընկեր, ինչպես և հելլեններից 300 հոպլիտների[8], Քսենիսա պառասիացու հրամանատարությամբ։

(3) Իսկ երբ Դարեհը վախճանվեց և թագավորության վրա հաստատվեց Արտաքսերքսեսը, Տիսսափեռնեսը զրպարտում է Կյուրոսին նրա եղբոր առաջ, թե իբր նա դավադրություն է նյութում նրա դեմ։ Եվ սա, հավատալով, կալանավորում է Կյուրոսին, նրան սպանելու համար։ Բայց մայրը ներումն աղերսելով, նորից հաջողացրեց, որ նա ուղարկվի իր իշխանության գլուխ[9]։ (4) Երբ այսպիսով Կյուրոսը մեկնեց վտանգված ու պատվազրկված, որոշեց այսուհետև երբեք չլինել իր եղբոր գերիշխանության տակ, այլ, հնարավորության դեպքում, թագավորել նրա փոխարեն։ Իսկ մայրը, Պարիսատիսը, ևս օգնում էր Կյուրոսին, քանի որ սրան առավել էր սիրում, քան թագավորող Արտաքսերքսեսին։ (5) Արքայի մերձավորներից իր մոտ այցելողներին Կյուրոսն այնպես էր վերաբերվում, որ նրանք մեկնելիս ավելի դեպի իրեն էին տրամադրվում բարեկամաբար, քան դեպի արքան։ Նա հոգ էր տանում նաև այն մասին, որ իր իշխանության սահմաններում ապրող բարբարոսները[10] տիրապետեն ռազմական արվեստին և միաժամանակ իր նկատմամբ բարյացակամ լինեն։ (6) Իսկ հելլենական զորքը նա հավաքագրում էր ինչքան կարող էր առավել գաղտնի, որպեսգի արքային[11] հնարավորին չափ հանկարծակիի բերի։

Նա իր ուժերը հավաքում էր հետևյալ կերպ։ Քաղաքներում իր ունեցած բոլոր կայազորների բերդապահներից յուրաքանչյուրին հրաման ուղարկեց որքան կարելի է շատ և լավագույն պելոպոնեսցի ռազմիկներ հավաքել այն պատճառաբանությամբ, թե իբր Տիսսափեռնեսը արշավանք է ծրագրում իրենց քաղաքների դեմ։ Խնդիրն այն է, որ Հոնիական քաղաքները[12] սկզբնապես արքայի կողմից տրված լինելով Տիսսափեռնեսին, այդ ժամանակ բոլորը անցել էին Կյուրոսի կողմը, բացի Միլետից։ (7) Տիսսափեռնեսը, նախազգալով, որ Սիլետի բնակիչները ևս մտածում են հարել Կյուրոսին, նրանցից ոմանց սպանեց, ուրիշներին արտաքսեց։ Իսկ Կյուրոսը վերցնելով վտարանդիներին իր մոտ, զորք հավաքեց ու պաշարեց Միլետը և՛ ցամաքից, և՛ ծովից, ու փորձեց արտաքսվածներին վերադարձնել քաղաք։ Սա ևս իր համար զորք հավաքելու մի նոր առիթ եղավ։ (8) Իսկ արքայի մոտ դեսպան ուղարկեց, պահանջելով իբրև եղբայր, որպեսզի այդ քաղաքները իրեն և ոչ Տիսսափեռնեսին տրվեն իշխելու համար։ Մայրը ևս այս հարցում աջակցում էր նրան, ուստի արքան կասկած չուներ դավադրության մասին և կարծում էր, թե Կյուրոսը զորքերի վրա փող է ծախսում Տիսսափեռնեսի դեմ պատերազմ մղելու առնչությամբ, այնպես որ նա բոլորովին դեմ չէր, որ նրանք իրար հետ պատերազմեն։ Առավել ևս, որ Կյուրոսը Տիսսաձեռնեսին պատկանած քաղաքներից ստացվող հարկերը ուղարկում էր արքային։

(9) Մի այլ բանակ ևս հավաքագրվում էր Աբյուդոսին[13] հանդիպակաց Քերսոնեսում, հետևյալ կերպ։ Կլեարքոս Լակեդեմոնացին[14] վտարանդի էր։ Կյուրոսը հանդիպելով նրան, համակրեց ու տվեց տաս հազար դահեկան[15]։ Իսկ սա, ստանալով ոսկին, դրամի մի մասով զորք հավաքեց ու Քերսոնեսից արշավելով, պատերազմում էր Հելլեսպոնտոսից վերև ապրող թրակիացիների դեմ, դրանով իսկ օժանդակելով հելլեններին։ Այդ իսկ պատճառով հելլեսպոնտյան քաղաքները ևս հոժարակամ նրան դրամ էին ուղարկում զինվորներին ռոճիկ վճարելու։ Այսպիսով, այս զորամասը ևս գաղտնապես պահվում էր Կյուրոսի համար։

(10) Դարձյալ, Արիստիպպոս թեսսալացին, որը հյուրասիրության սովորույթի համաձայն բարեկամացել էր Կյուրոսի հետ, իր հայրենիքում հակառակորդներից ճնշվելով գալիս է Կյուրոսի մոտ ու խնդրում նրանից 2000 վարձկանի համար երեք ամսվա ռոճիկ, հուսալով այդ ձևով հաղթահարել իր հակառակորդներին։ Իսկ Կյուրոսը նրան տվեց 4000 վարձկանի համար վեց ամսվա ռոճիկ և խնդրեց նրան հակառակորդների հետ չհաշտվել, նախքան իր հետ խորհրդակցելը։ Ահա այսպես Թեսսալիայում ևս նրա համար գաղտնաբար զորք էր պահվում։

(11) Իսկ Պրոքսենոս բեովտացուն, որը հյուրասիրության սովորույթով կապված էր իր հետ, Կյուրոսը պատվիրեց հնարավորին չափ շատ ռազմիկներ վերցնելով գալ իր մոտ, այն պատրվակով, թե ինքը ցանկանում է արշավել պիսիդիացիների[16] դեմ, որովհետև պիսիդիացիները անհանգստացնում են իր երկիրր։ Սոփայնետոս ստյումփալացուն ևս ու Սոկրատես աքայացուն, որոնք նույնպես հյուրասիրության սովորույթով կապված էին նրա հետ, պատվիրեց հնարավորին չափ շատ զինվորներ վերցնելով գան, որպեսզի պատերազմեն Տիսսափեռնեսի դեմ, միլետացի փախստականների հետ միասին։ Սրանք այդպես էլ արեցին։

II. Երբ Կյուրոսին թվաց, թե հարմար ժամանակն է արդեն արշավանքն սկսելու, նա այդ բանը պատճառաբանեց, ասելով, թե իբր ցանկանում է պիսիդիացիներին ամբողջապես դուրս վանել իր հողերից, և իբր նրանց դեմ արշավելու նպատակով է, որ գումարեց և՛ բարբարոսական, և՛ հելլենական զորքերը։ Այս ժամանակ էլ նա սուրհանդակ ուղարկեց, պատվիրելով և՛ Կլեարքոսին, որպեսզի սա վերցնի իր ամբողջ զորքը ու ժամանի, և՛ Արիստիպպոսին, որպեսզի սա համաձայնության գա իր ախոյանների հետ և ուղարկի իր հետ ունեցած ամբողջ զորքը։ Պատվիրեց նաև Քսենիաս արկադիացուն, որը գլխավորում էր իրեն ենթակա քաղաքներում գտնվող վարձկաններին, որպեսզի ժամանի իր զորքերով, բացի նրանցից, ովքեր անհրաժեշտ էին բերդերի պաշտպանության համար։ (2) Կանչեց նաև Միլետը պաշարողներին ու պատվիրեց վտարանդիներին արշավել իր հետ, խոստանալով նրանց, որ եթե իր արշավանքի հետապնդած նպատակը բարեհաջող իրականանա, ապա չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև նրանց չվերադարձնի իրենց տուն։ Նրանք հոժարությամբ ենթարկվեցին, քանի որ հավատում էին նրան։ Ուստի և զենքերը վերցնելով, ներկայացան Սարդես[17]։

(3) Այսպիսով, Քսենիասը, հավաքելով քաղաքների զորամասերը, մոտավորապես 3000 հոպլիտներով, ժամանեց Սարդես։ Պրոքսենոսը ներկայացավ, իր հետ բերելով մոտ 1500 հոպլիտ և 500 մերկ[18], Սոփայնետոս ստյումփալացին՝ ևս 1000 հոպլիտ, իսկ Սոկրատես աքայացին՝ մոտավորապես 500 հոպլիտ։ Պասիոն մեգարացին նույնպես ժամանեց, բերելով 300 հոպլիտ և 300 պելտաստ[19]։ Վերջինս, ինչպես և Սոկրատեսը, Միլետը պաշարողների թվում էր։ Ահա՛ նրանք, ովքեր Սարդեսում ներկայացան Կյուրոսին։

(4) Իր կողմից Տիսսափեռնեսը, այս բոլորի մասին տեղեկանալով և կռահելով, որ ռազմական այս պատրաստությունները ավելի մեծ են, քան անհրաժեշտ էր պիսիդիացիների դեմ արշավելու համար, հնարավորին չափ արագ սուրաց դեպի արքան 500 հեծյալի հետ միասին։ (5) Ու երբ արքան լսեց Տիսսափեռնեսից Կյուրոսի սպառազինման մասին, ինքը նույնպես սկսեց պատրաստվել պատերազմի։

Կյուրոսն ասածս զորքերով ճանապարհ ընկավ Սարդեսից և անցավ Լյուդիայի վրայով 3 կայան[20]՝ 22 փարսախ[21], մինչև Մեանդրոս գետը։ Սրա լայնքը երկու պլեթրոն է[22]. և այնտեղ կամուրջ կար յոթ նավի վրա կապած։ (6) Անցնելով գետը, նա արշավեց Փռյուգիայի միջով մի կայան՝ ութ փարսախ ճանապարհ, մինչև Կոլոսսոս, որը բազմամարդ, հարուստ ու խոշոր քաղաք էր։ Այստեղ նա մնաց յոթ օր։ Նրա մոտ ժամանեց Մենոն թեսսալացին[23], բերելով իր հետ 1000 հոպլիտ և 500 պելտaստ` դոլոպներ, էնիաններ և օլինթացիներ[24]։ (7) Այստեղից առաջ ընթացավ երեք կայան՝ 20 փարսախ, մինչև Կելենե, Փռյուգիայի բազմամարդ, խոշոր և հարուստ քաղաքը։ Այստեղ Կյուրոսն ապարանք ուներ և ընդարձակ պարտեզ, վայրի գազաններով լեցուն, որոնց ինքը որսում էր հեծյալ, ամեն անգամ, երբ ցանկանում էր մարզել իրեն և իր ձիերին։ Պարտեզի միջով հոսում է Մեանդրոս գետը, իսկ նրա ակունքները ապարանքի ներսում էին։ Գետը հոսում է նաև Կելենե քաղաքի միջով։ (8) Կելենեում գտնվում է նաև մեծ արքայի[25] ամրացված ապարանքը, միջնաբերդից ներքև՝ Մարսիաս գետի ակունքների մոտ։ Սա ևս անցնում է քաղաքի միջով ու թափվում Մեանդրոս գետը։ Մարսիասի լայնքը քսանհինգ ոտք է։ Ինչպես պատմում են, այստեղ է Ապոլլոնը մորթազերծ արել Մարսիասին[26], հաղթելով նրան երաժշտական մրցույթի մեջ և նրա մորթին կախել քարայրում, որտեղ և գետի ակունքն է։ Այդ իսկ պատճառով գետը կոչվում է Մարսիաս։ (9) Պատմում են, թե իբր Քսերքսեսը[27], Հելլադայում կրած պարտությունից հետո վերադառնալիս կառուցել է այս ապարանքը և Կելենեի միջնաբերդը։ Կյուրոսը այստեղ մնաց 30 օր։ Այստեղ եկավ նաև վտարանդի Կլեարքոս լակեդեմոնացին, բերելով 1000 հոպլիտ, 800 թրակիացի պելտաստ և 200 կրետացի աղեղնավոր։ Նույն ժամանակ ներկայացավ նաև Սոսիս սիրակուսացին 300 հոպլիտով և Սուիայնետոս արկադիացին՝ 1000 հոպլիտով։ Եվ այստեղ, պարտեզում, Կյուրոսը զորատես կազմակերպեց և հաշվեց հելլեններին։ Ներկա էր 11 հազար հոպլիտ և 2000 պելտաստ։

(10) Այստեղից առաջ է ընթանում երկու կայան՝ 10 փարսախ, մինչև Պելտե բազմամարդ քաղաքը։ Այստեղ երեք օր մնաց։ Այս ընթացքում Քսենիաս արկադիացին զոհաբերություն կատարեց, Լիկյան տոներ[28] և մրցումներ կազմակերպեց։ Մրցումների պարգևները ոսկե քերիչներ էին[29]։ Մրցումները դիտում էր նաև Կյուրոսը։ Այստեղից առաջ ընթացավ երկու կայան՝ 12 փարսախ, մինչև Կերամոն-ագորա[30] կոչված մարդաշատ քաղաքը, որը գտնվում էր Մյուսիայի ծայր սահմանում։ (11) Այստեղից առաջ է ընթանում երեք կայան՝ 30 փարսախ, մինչև Կավստրուպեդիոն մարդաշատ քաղաքը։ Այստեղ հինգ օր մնաց։ Զինվորներին նա արդեն պարտք էր ավելի քան երեք ամսվա ռոճիկ և նրանք բազմիցս եկել էին նրա դուռը և պահանջել իրենց վարձը։ Իսկ ինքը հուսադրելով նրանց, ետ էր ուղարկում և, ըստ երևույթին, վշտացել էր. որովհետև նա սովոր չէր ունենալ ու չտալ։ (12) Այստեղ Կյուրոսի մոտ եկավ Եպիաքսան, Կիլիկիայի Սյուեննեսիս թագավորի[31] կինը։ Եվ ասում էին, թե նա Կյուրոսին շատ դրամ տվեց։ Այնուհետև Կյուրոսը զորքին չորս ամսվա ռոճիկ վճարեց։ Կիլիկուհին ուներ թիկնապահներ, բաղկացած կիլիկեցիներից և ասպենդացիներից։ Նաև ասում էին, թե Կյուրոսը մտերմացավ կիլիկուհու հետ։

(13) Այստեղից առաջ է ընթանում երկու կայան՝ 10 փարսախ, մինչև Թյումբրիոն մարդաշատ քաղաքը։ Այնտեղ, ճանապարհին մոտիկ, աղբյուր կար, որը կրում էր Փռյուգիայի թագավոր Միդասի անունը։ Պատմում են, թե այստեղ Միդասը բռնեց Սատիրոսին՝ աղբյուրի ջրին գինի խառնելիս[32]։ (14) Այստեղից առաջ է ընթանում երկու կայան՝ 10 փարսախ, մինչև Տյուրիայոն մարդաշատ քաղաքը։ Այստեղ նա մնաց երեք օր։ Պատմում են, թե իբր կիլիկուհին խնդրել էր Կյուրոսին ցույց տալ իրեն զորքը։ Այսպիսով, Կյուրոսը, ցանկանալով ցուցադրել նրան իր զորքը, դաշտավայրում հելլեն և բարբարոս ռազմիկների գորատես կագմակեայեց։ (15) Կարգադրեց հելլեններին դասավորվել ու շարվել այնպես, ինչպես նրանց մոտ ընդունված էր ճակատամարտի ժամանակ, ընդ որում յուրաքանչյուր հրամանատար պետք է գլխավորեր իր զորագունդը։ Նրանք դասավորվեցին չորս կարգով։ Աջ թևում Մենոնն էր իր զորականներով, ձախում՝ Կլեարքոսը իր մարդկանց հետ, իսկ կենտրոնում՝ մյուս զորահրամանատարները։ (16) Կյուրոսը նախ բարբարոսների ստուգատես կատարեց։ Սրանք անցնում էին ըստ ջոկատների[33] և գնդերի։ Այնուհետև դիտեց հելլեններին, կառքով անցնելով նրանց շարքերի առջևով, իսկ կիլիկուհին անցնում էր ծածկած սայլակառքով։ Հելլեններից յուրաքանչյուրի գլխին պղնձե սաղավարտ կար, հագին՝ ծիրանի խիտոն և կնեմիսներ[34], իսկ վահանները հանել էին պատյաններից։ (17) Ու երբ բոլորի առաջով անցավ, իր կառքը կանգնեցնելով ֆալանգսի մեջտեղը, թարգման Պիգրեսին ուղարկեց հելլենների զորավարների մոտ և հրամայեց զենքերը մերկացնել ու ամբողջ ֆալանգսով նետվել հարձակման։ Նրանք հրամանը հաղորդեցին զինվորներին։ եվ ահա շեփորի ազդանշանով հելլենները մերկացրին զենքերը և առաջ նետվեցին։ Այնուհետև աղաղակելով սկսեցին ավելի ու ավելի արագ քայլել, այնպես, որ քայլքը ինքնաբերաբար վերածվեց զինվորների վազքի՝ դեպի վրանները։ (18) Այս բոլորից բարբարոսները խիստ սարսափեցին, կիլիկուհին փախավ իր ծածկած սայլակառքով, իսկ շուկայում գտնվողները, լքելով իրենց ապրանքը, թաքնվեցին[35]։ Մինչդեռ հելլենները ծիծաղով վերադարձան իրենց վրանները։ Կիլիկուհին հիացավ, տեսնելով զորքի շքեղությունը և կարգ ու կանոնը, իսկ Կյուրոսը հաճոյանում էր, տեսնելով հույների տեսքից բարբարոսներին համակած սարսափը։

(19) Այստեղից առաջ ընթացավ երեք կայան՝ 20 փարսախ, մինչև Իկոնիոն, Փռյուգիայի վերջին սահմանային քաղաքը։ Այստեղ երեք օր մնաց։ Այստեղից առաջ ընթացավ Լիկաոնիայի միջով հինգ կայան՝ 30 փարսախ։ Նա թույլատրեց հելլեններին ասպատակել այս երկիրը որպես թշնամական[36]։ (20) Այստեղից Կյուրոսը կիլիկուհուն ուղևորեց Կիլիկիա ամենակարճ ճանապարհով. նրա հետ միասին ուղարկեց նաև Մենոնին՝ իր զինվորներով։ Իսկ Կյուրոսը մնացածների հետ առաջացավ Կապպադովկիայի միջով չորս կայան՝ 25 փարսախ, մինչև Դանա մարդաշատ, խոշոր և բարգավաճ քաղաքը։ Այստեղ երեք օր մնաց։ Այս ընթացքում Կյուրոսը սպանեց պարսիկ Մեգափեռնեսին, արքունի ծիրանակրին[37], և իրեն ենթակա իշխանավորներից մեկ ուրիշին, մեղադրելով նրանց իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։

(21) Այստեղից նրանք փորձեցին ներխուժեյ Կիլիկիա։ Մուտքը մի կառուղի էր սոսկ, խիստ զառիթափ և զորքի համար անանց, եթե որևէ մեկը խանգարեր։ Ասում էին, թե Սյուեննեսիսը բարձունքների վրա է և պահպանում է իր երկրի մուտքը, այդ իսկ պատճառով Կյուրոսը ամբողջ օրը մնաց հարթավայրում։ Հաջորդ օրը լրաբեր ժամանեց հայտնելով, որ Սյուեննեսիսը լքել է բարձունքները, իմանալով, որ Մենոնի զորախումբը արդեն Կիլիկիայում, լեռների այն կողմն է, ինչպես նաև լսելով, թե Հոնիայից Կիլիկիա է նավում Տամոսը լակեդեմոնական ու իր իսկ Կյուրոսի տրիերաներով[38]։ (22) Այսպիսով, Կյուրոսը բարձրացավ լեռները առանց որևէ մեկի դիմադրության և տեսավ վրանները այնտեղ, ուր նախապես պահապան էին կանգնել կիլիկեցիները։ Այստեղից Կյուրոսը իջավ ընդարձակ ու գեղեցիկ, լավ ոռոգվող ու բազմապիսի ծառերով և խաղողի այգիներով ծածկված մի հարթավայր։ Հարթավայրը տալիս է առատ քունջութ, հնդկացորեն, ցորեն ու գարի։ Բոլոր կողմերից, ծովից ծով, այն շրջափակված է անմատույց և բարձր լեռներով։ (23) Կյուրոսը լեռներից իջավ ու այս հարթավայրով առաջ շարժվեց չորս կայան՝ 45 փարսախ, մինչև Տարսոն, Կիլիկիայի խոշոր ու բարգավաճ քաղաքը, որտեղ գտնվում էր Կիլիկիայի թագավոր Սյուեննեսիսի ապարանքը։ Քաղաքի միջով հոսում է Կյուդնոս կոչվող գետը, որի լայնքը երկու պլեթրոն է։ (24) Բնակիչները, բացի գինետների տերերից, լքել էին քաղաքը և Սյուեննեսիսի հետ ապաստանել լեռներում գտնվող անմատչելի մի վայրում։ Տեղում էին մնացել նաև Սոլի և Իսսոս[39] ծովափնյա քաղաքների բնակիչները։

(25) Եպիաքսան, Սյուեննեսիսի կինը, Տարսոն հասավ Կյուրոսից հինգ օր շուտ, բայց լեռներով դեպի հարթավայրը իջնելիս, ոչնչացան Մենոնի զորամասից երկու լոքոս[40]։ Ոմանք պատմում էին, թե սրանք կոտորվեցին կիլիկեցիների կողմից՝ ինչ-որ թալան անելիս, իսկ ուրիշները՝ թե իբր ետ էին մնացել յուրայիններից ու չկարողանալով գտնել ոչ մնացած զորքը, ոչ էլ ճանապարհը, մոլորվել էին ու կորել։ Նրանք ընդամենը 100 հոպլիտ էին։ (20) Մնացյալը Տարսոն հասնելով, իրենց զորակիցների կորստից գազազած, և՛ քաղաքը, և՛ նրանում գտնվող ապարանքը կողոպտեցին։ Երբ Կյուրոսը մտավ քաղաք, լրաբեր ուղարկեց պահանջելով, որ Սյուեննեսիսը ներկայանա իրեն։ Սա պատասխանեց, որ ոչ նախկինում է որևէ անգամ իրենից հզորի ձեռքը հանձնվել, ոչ ևս հիմա է ցանկանում գնալ Կյուրոսի մոտ. սակայն կինը նրան համոզեց և նա հավատարմության երաշխիք ստացավ։ (27) Այս բոլորից հետո, երբ նրանք հանդիպեցին իրար, Սյուեննեսիսը շատ դրամ տվեց Կյուրոսին՝ նրա զորքի համար, իսկ Կյուրոսը նրան այսպիսի ընծաներ պարգևեց, որոնք համարվում են արքայի կողմից տրված պատիվ, այն է՝ ոսկեսանձ ձի, ոսկե մանյակ, ապարանջան, ոսկե ակինակե[41] և պարսկական տարազ[42], ու խոստացավ այսուհետև երկիրը չկողոպտել։ Իսկ հափշտակված գերիներին, եթե որևէ տեղ հայտնաբերվեն, վերադարձնել[43]։

III. Կյուրոսը և նրա բանակը այստեղ քսան օր մնացին, որովհետև զինվորները ասում էին, թե այլևս առաջ չեն գնա։ Նրանք արդեն կասկածում էին, թե արշավում են արքայի դեմ, իսկ իրենք, ինչպես ասացին, այդ նպատակով չէր, որ վարձվել էին։ Առաջինը Կլեարքոսն էր, որ ստիպում էր զինվորներին գնալ առաջ։ Բայց երբ նա փորձեց առաջ շարժվել, զինվորներն սկսեցին քարկոծել նրան և գումակայիններին։ (2) Կլեարքոսը հազիվ կարողացավ քարկոծվելուց փրկվել և հետո, համոզվելով, որ ի վիճակի չէ ստիպել, իր զինվորներին հավաքեց ժողովի։ Սկզբում նա երկար կանգնած մնաց ու արտասվեց, մինչդեռ զինվորները զարմանում էին և լռում։ Այնուհետև նա խոսեց այսպես.

(3) «Արք զինվորնե՛ր։ Մի զարմանաք, որ ծանր եմ տանում ստեղծված դրությունը։ Բանն այն է, որ Կյուրոսի հետ ես մտերմացել եմ հյուրընկալության առիթով, երբ ես փախած էի հայրենիքից, նա ինձ պատվելուց բացի 10 հազար դահեկան տվեց։ Այդ բոլորը ստանալով, ևս ինձ համար չպահեցի, ոչ իսկ մսխեցի զվարճանալու համար, այլ ծախսեցի ձեզ վրա։ (4) Նախ, ուրեմն, պատերազմ մղեցի թրակիացինեւփ դեմ, որով, հանուն Հելլադայի, ձեզ հետ միասին պատմում էինք նրանց, քշելով Քերսոնեսից, քանի որ նրանք ցանկանում էին այնտեղ ապրող հույներին զրկել հողից։ Իսկ երբ Կյուրոսն ինձ հրավիրեց, ձեզ վերցնելով ճանապարհ ընկա, որպեսզի, եթե նա որևէ բանի կարիք է զգում, օգնեմ նրան ի հատուցումն այն բոլորի, որ նա արել էր ինձ համար։ (5) Բայց քանի որ դուք չեք ցանկանում նրա հետ արշավել, ուստի ես պետք է կամ դավաճանելով ձեզ շարունակեմ վայելել Կյուրոսի բարեկամությունը, կամ նրան խաբելով ձեզ հետ մնամ։ Չգիտեմ, արդա՞ր եմ վարվում թե ոչ, բայց ես գերադասում եմ ձեզ, և ձեզ հետ կկրեմ ամեն մի փորձություն։ Ու երբեք ոչ ոք ինձ չի մեղադրի, թե ես հելլեններին բերելով բարբարոսների մոտ, դավաճանեցի, գերադասելով բարբարոսների բարեկամությունը։ (6) Բայց քանի որ դուք չեք կամենում ինձ ենթարկվել, ապա ես կհետևեմ ձեզ և կկրեմ ձեզ հետ ամեն մի փորձություն։ Որովհետև ես համոզված եմ, թե դուք ինձ համար և՛ հայրենիք եք, և՛ բարեկամ, և՛ դաշնակից, ու եթե ձեզ հետ մնամ, ապա ես ամեն տեղ պատվի կարժանանամ, իսկ ձեզանից զրկվելով, ես ի վիճակի չեմ լինի ո՛չ բարեկամներիս օգտակար լինել, ո՛չ իսկ թշնամուն դիմագրավել։ Ուստի համոզված եղեք, որ ուր էլ գնաք, ես կլինեմ ձեզ հետ»։

(7) Այսպես խոսեց, իսկ զինվորները, և՛ իր, և՛ մյուսները, լսելով նրա խոսքերը, որ իբր չի արշավելու արքայի դեմ, հավանեցին։ Քսենիասի և Պասիոնի ավելի քան երկու հազար զինվոր, վերցնելով իրենց զենքն ու գումանը, բանակեցին Կլեարքոսի մոտ։ (8) Այս ամենի հետևանքով Կյուրոսը, վարանած ու վշտացած, Կլեարքոսին կանչեց իր մոտ։ Սա մերժեց գնալ, բայց զինվորներից գաղտնի բանբեր ուղարկեց նրա մոտ, ասելով, որ չանհանգստանա, որովհետև ամեն ինչ կդասավորվի ինչպես հարկն է։ Նա պատվիրեց Կյուրոսին իր ետևից մարդ ուղարկել, իսկ ինքը, ասաց՝ չի գա։

(9) Այնուհետև հավաքելով իր սեփական զինվորներին, ինչպես նաև իր կողմն անցածներին և մյուսներից՝ ամեն ցանկացողին, խոսեց այսպես. «Արք զինվորնե՛ր։ Պարզ է, որ Կյուրոսի դրությունը մեր նկատմամբ այնպիսին է, ինչպիսին մեր դրությունն է նրա նկատմամբ։ Արդեն մենք նրա զինվորները չենք, քանի որ այլևս չենք հետևում նրան, իսկ ինքն էլ այսունետև մեր վարձատուն չէ։ (10) Ես գիտեմ, որ նա իրեն մեր կողմից վիրավորված է համարում. այդ իսկ պատճառով, թեպետև նա ինձ հրավիրեց, բայց ես չեմ կամենում գնալ նրա մոտ, հատկապես ամոթի զգացումից, որովհետև գիտակցում եմ, որ ամեն ինչում խաբեցի նրան, միաժամանակ վախենում եմ, որ նա կարող է ինձ բռնելով պատժել իրեն հասցված վիրավորանքի համար։ (11) Ուստի թվում է ինձ, որ այժմ ժամանակը չէ, որ մենք քնենք ու անհոգ մնանք մեր գործերի նկատմամբ։ Անհրաժեշտ է խորհրդակցել այս բոլորից հետո մեր անելիքի մասին։ Ինձ թվում է, որ քանի դեռ այստեղ ենք մնում, պետք է մտածենք մեր առավելագույն ապահովության մասին։ Իսկ եթե որոշենք վերադառնալ, ապա մտածենք առավել ապահովությամբ, անհրաժեշտ պարենով մեկնելու մասին, քանի որ առանց դրան ոչ մի օգուտ չկա ոչ զորահրամանատարից, ոչ էլ զինվորից։ (12) Իսկ Կյուրոսը անգնահատելի այր է բարեկամ լինելու դեպքում և շատ ահավոր հակառակորդ՝ թշնամի լինեյու դեպքում, քանի որ նա զինված ուժեր ունի՝ ե՛ հետևակ, և՛ հեծյալ, և՛ ծովային։ Այդ մենք բոլորս տեսնում ենք և գիտենք, որովհետև մենք, կարծեմ, նրանից հեռու չենք իջևանել։ Ուստի և ժամանակն է, որ ձեզանից ամեն մեկը արտահայտի իր կարծիքը մեր լավագույն անելիքի մասին»։ Այս խոսքերով նա վերջացրեց։

(13) Այնուհետև սկսեցին արտահայտվել, ոմանք ինքնաբերաբար, ասելով այն, ինչ մտածում էին, իսկ ուրիշները Կլեարքոսի թելադրանքով։ Սրանք մատնանշում էին այն դժվարությունները, որոնց կմատնվեին իրենք առանց Կյուրոսի համաձայնության, թե՛ մնալու, թե՛ հեռանալու դեպքում։ (14) Արտահայտվողներից մեկը, ձևացնելով, թե իբր շտապում է հնարավորին չափ շուտ վերադառնալ Հելլադա, նույնիսկ առաջարկեց անհապաղ ընտրել նոր զորավարներ, եթե Կլեարքոսը չի ցանկանում իրենց ետ տանել։ Իսկ մթերքը նա առաջարկեց գնել ― շուկան բարբարոսների ճամբարում էր ― ու պատրաստվել մեկնելու։ Այնուհետև գնալով Կյուրոսի մոտ, նրանից նավեր խնդրել ծովով վերադառնալու համար։ Եթե նա չտա. ապա Կյուրոսից ուղեցույց առաջնորդ ուզել, որը իրենց կանցկացնի բարեկամ երկրի միջով։ Իսկ եթե Կյուրոսը հրաժարվի առաջնորդ տրամադրել, այդ դեպքում շուտափույթ զինավառվել և ջոկատ ուղարկել առաջ, լեռնակատարները գրավելու համար, որպեսզի մեզ չկանխեն ոչ Կյուրոսը և ոչ կիլիկեցիները, որոնցից շատ մարդ և դրամ ենք հափշտակել։ Այսպես խոսեց նա։

(15) Նրանից հետո Կլեարքոսը այսքան խոսեց միայն. «Զեզանից ոչ ոք թող չասի, թե ես ձեր զորահրամանատարը կլինեմ այս արշավանքում, քանի որ շատ պատճառներ եմ տեսնում, որոնց համար ես չեմ կարող այդ անել։ Բայց այն մարդուն, ում դուք կընտրեք, ես կհնազանդվեմ ըստ կարելվույն առավել, որպեսզի համոզվեք, թե ենթարկվել գիտեմ ոչ պակաս, քան որևէ մեկ ուրիշ մարդ»։ (16) Նրանից հետո վեր կացավ մեկ ուրիշը և մատնանշեց միամտությունը նրա, ով խորհուրդ էր տալիս նավեր խնդրել, կարծես թե ինքը Կյուրոսն էլ է վերադառնում. նա մատնանշեց նաև, թե «միամտություն կլիներ ուղեցույց խնդրել այն մարդուց, որի ձեռնարկումը ձախողում ենք։ Եթե նույնիսկ մենք հոժարենք վստահել այն ուղեցույցին, որին Կյուրոսը մեզ կտրամադրեր, ապա ի՞նչը կխանգարեր Կյուրոսին հրամայելու, որ մեզ կանխեն ու գրավեն բարձունքները։ (17) Ես ինքս չէի ցանկանա նրա տրամադրած նավերը նստել, վախենալով, որ մեզ տրիերաների հետ միասին ծովամույն կանի, ես կվախենայի նույնպես հետևել նրա տված ուղեցույցին, չլինի թե մեզ տանի այնպիսի վայր, որտեղից հնարավոր չլինի դուրս գալ։ Ես կուզեի, եթե Կյուրոսի կամքին հակառակ ենք գնալու, մեկնել նրանից գաղտնի, իսկ այդ բանը անհնարին է։ (18) Բայց այս ամենը, իմ կարծիքով, շաղակրատանք է։ Ըստ իս․ պետք է Կյուրոսի մոտ այս գործին հարմար մարդիկ ուղարկենք՝ Կլեարքոսի հետ միասին, հարցնելու նրան, թե ի՞նչ բանի համար է մեզ օգտագործելու, և եթե նրա այս ձեռնարկումը նման է նրա նախորդ ձեռնարկումներին, որոնց համար նույնպես նա օգտագործում էր վարձկանների, ապա մենք ևս հետևենք նրան և չլինենք ավելի վատթար նախկինում նրա հետ արշավածներից։ (19) Եսկ եթե պարզվի, որ ներկա ձեռնարկումը նախորդից խոշոր է և ավելի տանջալից ու վտանգավոր, ապա պահանջենք նրանից, որ կամ մեզ համոզելով տանի իր հետ, կամ ինքը համոզվելով, բարեկամաբար մեզ բաց թողնի։ Այսպիսով, եթե հետևենք Կյուրոսին, մենք կամովին կգնանք նրա հետ իբրև բարեկամներ, իսկ նրանից հեռանալու դեպքում՝ ապահով կմեկնենք; Կյուրոսի պատասխանը թող այստեղ հրապարակվի, իսկ մենք այն լսելուց հետո խորհուրդ կանենք»։

(20) Այդպես էլ որոշվեց, և մարդկանց ընտրելով, Կլեարքոսի հետ միասին ուղարկեցին Կյուրոսի մոտ. նրանք զորքի որոշման համաձայն հարցրին Կյուրոսին։ Սա պատասխանեց, որ լսել է, թե իր թշնամի Աբրոկոմասը գտնվում է Եփրատ գետի մոտ, 12 կայան հեռավորության վրա։ Ասաց, որ իբր նպատակ ունի նրա դեմ արշավելու։ Եվ եթե նա այնտեղ լինի, ապա նրան անհրաժեշտ պատիժը կտա, իսկ եթե, ասաց, նա փախչի, ապա մենք այդ մասին կխորհրղակցենք տեղում։ (21) Այս ամենը լսելով, պատգամավորները հադորդեցին զինվորներին։ Սրանք, կասկածելով հանդերձ, որ Կյուրոսն իրենց տանում է արքայի դեմ, որոշեցին հետևել նրան և միաժամանակ ավելի բարձր վարձ պահանջեցին։ Կյուրոսը խոստացավ բոլորին վճարել մեկ և կես անգամ ավելի, քան առաջ, այսինքն՝ ամիսը մեկ դահեկանի փոխարեն երեք կես դահեկան յուրաքանչյուր զինվորին։ Իսկ թե նրանց տանում էր արքայի դեմ, այդ ժամանակ էլ ոչ ոք այստեղ չլսեց, համենայն դեպս՝ բացահայտ կերպով։

IV. Այստեղից առաջ է, ընթանում երկու կայան՝ 10 փարսախ, մինչև Փսարոս գետը, որի լայնքը երեք պլեթրոն էր։ Այստեղից առաջ է ընթանում մեկ կայան՝ հինգ փարսախ, մինչև Պյուրամոս գետը, որի լայնքը մեկ ասպարեզ էր[44]։ Այստեղից առաջ է ընթանում երկու կայան՝ 15 փարսախ, մինչև Իսսոս, Կիլիկիայի ամենածայրամասային քաղաքը, որը մարդաշատ էր, խոշոր և բարգավաճ։ (2) Այստեղ երեք օր մնացին։ Եվ Կյուրոսի մոտ ժամանեցին Պելոպոննեսից 35 նավեր, նավարքոս[45] Պյութազորաս լակեդեմոնացու հրամանատարությամբ։ Եփեսոսից այս կողմ նրանց առաջնորդում էր Տամոս եգիպտացին, իր հետ ունենալով նաև Կյուրոսի այն 25 նավերը, որոնցով պաշարել էր Միլետը, երբ այդ քաղաքը դեռևս Տիսսափեռնեսի կողմնակիցն էր, իսկ ինքը՝ Կյուրոսի դաշնակիցը։ (3) Կյուրոսի կարգադրությամբ այդ նավերով ներկայացավ նաև Խեյրիսոփոս լակեդեմոնացին, իր հետ բերելով 700 հոպլիտների, որոնց հրամանատարն էր նա Կյուրոսի մոտ ծառայելու ժամանակ[46]։ Նավերը խարիսխ ձգեցին Կյուրոսի վրանի դիմաց։ Այստեղ էլ Աբրոկոմասի մոտից հելլեն վարձկանները՝ 400 հոպլիտ, փախչելով եկան Կյուրոսի մոտ և միացան նրա արշավանքին արքայի դեմ։

(4) Այստեղից նա առաջ է ընթանում մի կայան՝ հինգ փարսախ, դեպի Կիլիկիայի և Սիրիայի միջև գտնվող դարբասը[47]։ Այս դարբասը բաղկացած էր երկու պարսպից, որոնցից մեկը՝ ներքինը, Կիլիկիայի կողմում էր և գտնվում էր Սյուեննեսիսի ու Կիլիկիայի կայազորի ձեռքին, իսկ մյուսը՝ արտաքինը, Սիրիայի կողմում և, ասում էին, թե այն պաշտպանում է արքայի կայազորը։ Այս երկուսի միջև գետ է հոսում, որը կոչվում է Կարսոս, մեկ պլեթրոն լայնքով։ Պարիսպների միջև եղած ամբողջ տարածությունը երեք ասպարեզ է։ Այնտեղից բռնի անցնելը հնարավոր չէ, քանի որ անցումը նեղ է և պարիսպները մինչև ծով են հասնում, իսկ նրանցից վերև բարձրաբերձ ժայռեր են և երկու պարիսպների վրա էլ աշտարակներ են բարձրանում։ (5) Այս անցման պատճառով էր հենց, որ Կյուրոսը նավեր կանչեց, որպեսզի հոպլիտներին ափ հանի դարբասի ներքին և արտաքին կողմերում, դուրս մղելու համար թշնամիներին, եթե նրանք պահպանում էին սիրիական դարբասը, իսկ Կյուրոսը ենթադրում էր, որ Աբրոկոմասը, շատ զորք ունենալով, հենց այդպես էլ կանի։ Բայց Աբրոկոմասը այդ բանը չարեց, այլ, լսելով, որ Կյուրոսը արդեն Կիլիկիայում է, Փյունիկիայից ետ վերադարձավ[48] ու մեկնեց արքայի մոտ, տանելով իր հետ, ինչպես ասում էին, 30 բյուր զորք։

(6) Այստեղից Կյուրոսը առաջ է շարժվում Սիրիայի միջով մեկ կայան՝ հինգ փարսախ, մինչև փյունիկեցիներով բնակեցված Մյուրիանդոս ծովափնյա քաղաքը։ Դա առևտրական վայր էր, որտեղ խարսխել էին բազմաթիվ բեռնանավեր։ (7) Այստեղ նա յոթ օր մնաց։ Քսենիաս արկադիացին ու Պասիոն մեգարացին նավ նստելով և իրենց թանկարժեք իրերը բարձելով մեկնեցին։ Ինչպես շատերը ենթադրում էին, նրանք այդպես վարվեցին, իրենց վիրավորված զգալով այն բանի համար, որ իրենց զինվորներին, որոնք Կլեարքոսի մոտ էին անցել Հելլադա վերադառնալու, և ոչ թե արքայի դեմ արշավելու միտումով, Կյուրոսը թույլ տվեց մնալ Կլեարքոսի հետ։ Երբ նրանք տեսադաշտից անհետացան, լուր տարածվեց, թե Կյուրոսը հետապնդում է նրանց իր տրիերաներով։ Ոմանք մաղթում էին, որ նրանց, իբրև, երկչոտների, բռնեին, իսկ մյուսները կարեկցում էին նրանց հավանական գերեվարման համար։

(8) Իսկ Կյուրոսը ժողովի կանչելով զորահրամանատարներին, ասաց. «Քսենիասը և Պասիոնը մեզ լքեցին։ Բայց թող նրանք լավ իմանան, որ նրանք ինձանից չեն խույս տվել, քանի որ ինձ քաջ հայտնի է, թե նրանք ի՛նչ ուղղությամբ չվեցին, նրանք չեն կարող ինձանից խուսափել, որովհետև ես տրիերաներ ունեմ, որոնք կարող են բռնել նրանց նավը։ Բայց աստվածները թո՛ղ վկա լինեն, որ ես նրանց չեմ հետապնդի և ոչ ոք չի ասի, թե ես իբր օգտվում եմ մարդուց, քանի դեռ նա ինձ մոտ է, իսկ եթե նա ցանկանա մեկնել, ապա ձերբակալում եմ նրան, չարիք հասցնում և նրա ունեցվածքը խլում։ Ուստի թող գնան, իմանալով, որ նրանք մեզ հետ ավելի վատ վարվեցին, քան մենք նրանց հետ։ Թեկուզև նրանց որդիներն ու կանայք իմ ձեռքում են և պահվում են Տրալլեսում[49], այնուամենայնիվ դրանցից չեն զրկվելու, դրանց կվերադարձնեմ, հանուն իմ նկատմամբ նրանց ունեցած նախկին ծառայությունների։ (9) Նա այսպես խոսեց։ Իսկ հելլենները, եթե նույնիսկ մեկը անբարյացակամ էր արշավանքի հանդեպ, լսելով Կյուրոսի մեծահոգության մասին, հաճույքով և առավել հոժարությամբ հետևեց նրան։

Այս բոլորից հետո Կյուրոսը առաջ ընթացավ չորս կայան՝ քսան փարսախ, մինչև Խալոս գետը, մի պլեթրոն լայնքով, հարուստ խոշոր և ազնիվ ձկներով, որոնց սիրիացիները աստվածներ են համարում և թույլ չեն տալիս ոչնչացնել դրանց, ինչպես և աղավնիներին[50]։ Գյուղերը, որոնցում նրանք բանակել էին, շնորհված էին Պարիսատիսին՝ գոտու համար[51]։ (10) Այստեղից Կյուրոսն առաջ է ընթանում հինգ կայան՝ 30 փարսախ, մինչև Դարդաս գետի ակունքները, որի լայնքը մեկ պլեթրոն է։ Այստեղ էր գտնվում Սիրիայի տիրակալ Բելեսիսի պալատը և շատ ընդարձակ ու գեղեցիկ պարտեզը, որը տարվա բոլոր եղանակներին ծաղկուն է։ Կյուրոսը կտրատեց պարտեզը և հրկիզեց պալատը։ (11) Այստեղից առաջ է շարժվում երեք կայան՝ 15 փարսախ, մինչև Եփրատ գետը, որի լայնքը չորս ասպարեզ է։ Այստեղ ևս կար խոշոր և բարգավաճ քաղաք, Թափսակոս անունով։ Այստեղ հինգ օր մնաց։ Կյուրոսը ժողովի հրավիրելով հելլենների զորավարներին, հայտարարեց, որ իրենց արշավանքի ուղին կլինի մեծ արքայի դեմ, դեպի Բաբելոն[52]։ Եվ կարգադրեց նրանց այդ հաղորդել զինվորներին ու համոզել նրանց հետևել իրեն։ (12) Զորավարները համաժողով գումարելով՝ այս ամենը հրապարակեցին։ Իսկ զինվորները վրդովմունք հայտնեցին զորավարներին և մեղադրեցին, թե նրանք վաղուց են իմացել այդ ամենի մասին, բայց թաքցրել են. հայտարարեցին, որ առաջ չեն գնալու, եթե իրենց այնքան չվճարեն, որքան նրանց, ովքեր Կյուրոսի հետ արշավել էին երկրի խորքը, Կյուրոսի հոր մոտ գնալու համար[53], մանավանդ, որ նրանք արշավել են ոչ թե պատերազմելու նպատակով, այլ Կյուրոսի հոր հրավերով։ (13) Այս ամենը զորավարները հաղորդեցին Կյուրոսին։ Իսկ սա խոստացավ յուրաքանչյուր զինվորին տալ հինգ արծաթ մնա[54], հենց որ իրենք Բաբելոն հասնեն և ռոճիկն իսկ լրիվ վճարել ընդհուպ մինչև հելլեններին վերստին Հոնիա բերելը։ Այսպիսով. հելլենական զորքի մեծ մասը համաձայնվեց առաջ զնալ։

Իսկ Մենոնը, քանի դեո պարզ չէր, թե ինչպես կվարվեն մնացած զինվորները, կհետևե՞ն արդյոք Կյուրոսին, թե՞ ոչ. հավաքեց իր զորամասը մյուսներից անջատ և այսպես խոսեց. (14) «Արք զինվորնե՛ր. եթե լսեք իմ խորհուրդը, ապա առանց վտանգվելու և առանց մյուսներից ավելի աշխատանք թափելու, Կյուրոսի աչքում նախապատվություն ձեռք կբերեք։ Ի՞նչ եմ խորհուրդ տալիս անել։ Այժմ Կյուրոսին անհրաժեշտ է, որ հելլենները հետևեն իրեն արքայի դեմ։ Ուստի ես պատվիրում եմ ձեզ Եփրատն անցնել նախքան հայտնի կլինի մնացած հելլենների պատասխանը Կյուրոսին։ (15) Եթե նրանք որոշեն հետևել, ապա կթվա, թե դուք, առաջինը սկսելով գետն անցնել, եղել եք այդպիսի որոշման պատճառը. և Կյուրոսը ձեզ շնորհապարտ կլինի, տեսնելով ձեր հոժարությունը, իսկ նա գիտե երախտապարտ լինել, որքան մեկ ուրիշը։ Իսկ եթե մյուսները մերժեն Կյուրոսի առաջարկը, այնժամ բոլորս միասին ետ կվերադառնանք, իսկ ձեզ, որպես միակ հավատարիմների, Կյուրոսը կօգտագործի ոչ միայն իբրև կայազորայինների, այլև կդարձնի լոքագներ[55], և ընդհանրապես, ինչ որ նրանից խնդրեք, ես համոզված եմ, որ դուք, իբրև ընկերներ, կստանաք նրանից»։ (16) Այս լսելով զինվորները համոզվեցին և գետն անցան նախ քան մյուսները կպատասխանեին։ Իսկ Կյուրոսը երբ լսեց, թե զորքը անցել է, ուրախացավ և նրանց մոտ ուղարկեց Գլուսին[56], ասելով. «Այժմ ես, ո՜վ զինվորներ, գովում եմ ձեզ. իսկ որպեսզի դուք ևս ինձ գովեք, այդ մասին կհոգամ. հակառակ դեպքում ինձ Կյուրոս չկոչեք»։ (17) Զինվորները մեծ հույսերով տարված, նրան բարեբախտություն էին մաղթում, իսկ Մենոնին, ինչպես պատմում են, մեծաշուք նվերներ ուղարկեց։ Այսպես անելով, նա սկսեց անցնել գետը, իսկ մնացած ամբողջ զորքը հետևում էր նրան։ Գետն անցնելիս և ոչ մեկը չթրջվեց կրծքից վերև։ (18) Թափսակոսի բնակիչները ասում էին, որ իբր այս գետը երբեք հետիոտն անցանելի չի եղել, բացի տվյալ դեպքից, այն անցնում էին նավերով, որոնք Աբրոկոմասը առաջ ընթանալիս այրել էր, որպեսզի Կյուրոսը չկարողանա անցնել։ Նրանց թվաց աստվածային նշան, որ գետը նահանջեց Կյուրոսի առաջ, ապացույց այն բանի, որ նա պետք է թագավորի։

(19) Այստեղից առաջ է ընթանում Սիրիայի միջով 9 կայան՝ 50 փարսախ. և հասնում են Արաքսես գետը[57]։ Այստեղ շատ գյուղեր կային, առատ ցորենով ու գինիով։ Այստեղ նրանք մնացին երեք օր և պաշար վերցրին։

V. Այստեղից առաջ է ընթանում Արաբիայի միջով[58], Եփրատ գետը ունենալով աջ կողմում, հինգ կայան՝ 35 փարսախ անապատ երկրներով։ Այստեղ դաշտավայր է, ամբողջապես հարթ, ծովի նման, ծածկված օշինդրով, եթե իսկ պատահում էր որևէ այլ բուսականություն, թփեր կամ եղեգնուտ, ամեն ինչ անուշաբույր էր օծանելիքի նման։ (2) Այստեղ ոչ մի ծառ չկա, իսկ գազանները բազմապիսի են՝ մեծ թվով վայրի էշեր, բազմաթիվ ու խոշոր ջայլամներ, կային նաև խոշոր արոսներ և վիթեր։ Հեծյալները երբեմն ընկնում էին այս գազանների ետևից։ Էշերը, եթե նրանց հալածում էին, առաջ էին վազում ու կանգնում, քանի որ շատ ավելի արագավազ էին, քան ձիերը։ Իսկ երբ ձիերը մոտենում էին նրանց, նրանք նորից նույնն էին կրկնում, այնպես որ հնարավոր չէր որսալ, բայց միայն այն դեպքում, եթե հեծյալները կանգնում էին տարբեր տեղեր և նրանց հալածում հերթականությամբ։ Բռնված էշերի միսը նման էր եղնիկի մսի, բայց ավելի փափուկ էր։ (3) Ջայլամներից ոչ մի հատ չկարողացան որսալ։ Դրանց հալածող հեծյալները շուտով դադարեցրին հետապնդումը, քանի որ փախչելիս նրանք շատ էին կտրվում, վազելիս օգտագործելով ոտները, իսկ թևերը թափահարում էին առագաստի նման։ Արոսներին հնարավոր էր լինում բռնել, եթե հանկարծակի վրա հասնեին, քանի որ նրանք թռչում են կարճ տարածության վրա և շուտ հոգնում, իսկ նրանց միսը շատ է համեղ։

(4) Առաջանալով այս երկրի միջով, հասան Մասկաս գետը, որի լայնքը մեկ պլեթրոն էր։ Այստեղ կար ամայի, խոշոր մի քաղաք, Կորսոտե կոչված, այս քաղաքի շուրջը հոսում էր Մասկաս գետը։ Այստեղ մնացին երեք օր և պարենավորվեցին։ Այստեղից առաջ ընթացավ 13 կայան՝ 90 փարսախ, անապատ երկրներով, եփրատ զետը աջ կողմում թողած, և հասավ Պյուլե[59]։ Այս կայաններում լծկաններից շատերը կոտորվեցին սովից, քանի որ ոչ խոտ կար և ոչ որևէ ուրիշ բույս, այլ ամբողջ երկիրը մերկ էր։ Իսկ տեղի բնակիչները գետի մոտ աղորիքի քարեր են հանում և դրանք մշակելով, տանում Բաբելոն, այնտեղ վաճառում, փոխարենը հաց գնում և դրանով ապրում։ (6) Ինչ վերաբերում է զինվորներին, ապա նրանց հացը ևս սպառվեց, իսկ այն հնարավոր չէր գնել այլ տեղ, քան միայն լյուղիական շուկայում[60], Կյուրոսի բարբարոսական զորքի մեջ, մեկ կապիթե ցորենի կամ գարու ալյուրը՝ չորս սիկղ։ Սիկղը հավասար է ատտիկյան յոթ և կես օբոլայի, իսկ կապիթեն տանում է ատտիկյան երկու քոյնիկս[61]։ Ուստի և զինվորները ապրում էին միս ուտելով։ (7) Այս անցումներից մի քանիսը Կյուրոսը շատ ձգում էր, հատկապես այն դեպքում, երբ ցանկանում էր հասնել ջրի կամ արոտի։

Մի անգամ, երբ պատահեց մի նեղ, ճահճոտ անցում, որը դժվար էր սայլերի համար, Կյուրոսը կանգ առավ իրեն շրջապատող երևելիների և ամենահարուստների հետ ու հրամայեց Գլուսին և Պիգրեսին, որպեսզի վերցնելով բարբարոսական զորքի մի մասը, օգնեն սայլերը դուրս բերելու։ (8) Երբ նրան թվաց, թե այդ բանը նրանք դանդաղորեն են կատարում, նա զայրացած հրամայեց ամենաերևելի պարսիկներին ևս օգնել սայլերի ընթացքը արագացնելու համար։ Այստեղ կարելի էր տեսնել կարգապահության լավ օրինակ։ Նրանցից յուրաքանչյուրը, ուր որ կանգնած էր, դեն էր ձգում իր վրայից ծիրանի կանդիսը[62], առաջ նետվում, երբեմն նույնիսկ զառիթափից, ասես դեպի հաղթանակ, իր թանկարժեք խիտոնն ու խայտաճամուկ անաքսիրիդը[63] հագին, ոմանք մինչև իսկ մանյակը վզին և ապարանջանը՝ թևերին։ Այս ամենով նրանք իսկույն ցատկեցին ցեխի մեջ և սպասվածից արագ սայլերը բարձրացնելով դուրս բերեցին։ (9) Ընդհանրապես պարզ էր, որ Կյուրոսը ամբողջ ճանապարհին շտապում էր և կանգ էր առնում միմիայն զորքը պարենով ապահովելու համար, կամ որևէ մի այլ անհրաժեշտության դեպքում, ենթադրելով, որ ինչքան շուտ տեղ հասնի, այնքան արքան ավելի անպատրաստ կլինի պատերազմի համար, իսկ ինչքան հապաղի, այնքան նա ավելի մեծ զորք կարող է հավաքել։ Ուշադիր դիտողը կարող էր նկատել, որ արքայի տերությունը հզոր էր իր ընդարձակությամբ և բնակչության բազմությամբ[64], բայց նրա թույլ կողմն էր ճանապարհների ձգվածությունը և թշնամու հանկարծակի հարձակվելու դեպքում՝ ուժերի ցրվածությունը։

(10) Եփրատ գետից այն կողմ, ամայի ճանապարհների վրա, կար մի խոշոր ու բարգավաճ քաղաք, Քարմանդե անունով։ Այստեղ զինվորները պարեն գնեցին, լաստերով գետը հետևյալ կերպ անցնելով։ Մորթիները, որ օգտագործում էին իբրև ծածկոց, լցրին չոր խոտով, միացրին ու կտրեցին այնպես, որ խոտը չթացվի[65]։ Սրանցով նրանք անցնում էին ու ձեռք բերում պարեն՝ և՛ արմավենու պտուղներից պատրաստած գինի, և՛ կորեկի հաց, քանի որ այն առատորեն աճում էր այս երկրում։

(11) Այստեղ Մենոնի զինվորներից մեկը ինչ-որ բանի շուրջ վիճեց Կլեարքոսի զինվորներից մեկի հետ, և Կլեարքոսը գործը քննելով, անարդարացի համարեց Մենոնի զինվորին և խփեց նրան։ Նա էլ, գալով յուրայինների մոտ, պատմեց այդ մասին։ Զինվորները, լսելով նրան, դժգոհեցին ու խիստ զայրացան Կլեարքոսի դեմ։ (12) Այս նույն օրը Կլեարքոսը՝ գալով գետանցի մոտ և այնտեղ շուկան դիտելուց հետո, ձի հեծած իր փոքրաթիվ մերձավորների հետ անցնում էր Մենոնի զորքերի միջով, ուղևորվելով դեպի իր վրանը։ Կյուրոսը դեռևս չէր ժամանել, նա նոր էր տեղ հասնում։ Մենոնի զինվորներից մեկը, որը փայտ էր ջարդում, երբ տեսավ Կլեարքոսին անցնելիս, կացինը նետեց նրա վրա, բայց վրիպեց, իսկ մեկ ուրիշը քար շպրտեց, հետո մեկ ուրիշը ևս, հետո շատերը՝ աղմուկ-աղաղակով։ (13) Կլեարքոսը ապաստանեց իր զորամասը և իսկույն ի զեն կոչեց։ Իր հոպլիտներին հրամայեց մնալ իրենց տեղերում, վահանները ծնկների առաջ պահած, իսկ ինքը՝ վերցնելով թրակիացիներին և հեծյալներին, որոնք իր զորամասում ավելի քան 40 հոգի էին, մեծ մասամբ դարձյալ թրակիացիներ, քայլեց Մենոնի զորքի վրա, այնպես, որ սրանք և ինքը Մենոնը ահաբեկված վազեցին զենքերը վերցնելու, իսկ ոմանք կանգնել էին, ապշած կատարվածի համար։ (14) Բայց Պրոքսենոսը ― պատահեց, որ նա իրեն հետևող հոպլիտներով վերջինն էր տեղ հասնում ― իսկույն իր զորամասը այդ երկուսի մեջտեղ մխրճելով, զենքը մերկացրեց և խնդրեց Կլեարքոսին այդպես չվարվել։ Բայց Կլեարքոսը դժգոհում էր, ասելով, որ մինչդեռ ինքը հազիվ էր փրկվել քարկոծվելով սպանվելուց, Պրոքսենոսը այդքան մեղմ է խոսում իր հետ պատահածի մասին, և հրամայեց նրան հեռանալ մեջտեղից։ (15) Այդ պահին վրա հասավ նաև Կյուրոսը և իմանալով պատահածը, իսկույն նիզակները ձեռքը վերցրեց և իր մոտ գտնվող խորհրդականների հետ միասին զորամասի կենտրոնը հասնելով, այսպես խոսեց. (16) «Ով Կլեարքո՛ս և Պրոքսենո՛ս և այստեղ ներկա եղող մյուս հելլեննե՛ր։ Դուք չեք գիտակցում ձեր արարքը։ Եթե դուք իրար միջև կռիվ սկսեք, ապա իմացեք, որ նույն օրն իսկ ես կկործանվեմ, իսկ դուք ինձանից ոչ շատ ուշ։ Քանզի եթե մեր գործերը վատանան, ապա այս բոլոր բարբարոսները, որոնց դուք տեսնում եք, մեզ ավելի թշնամի կլինեն, քան արքայի կողմում եղողները»։ (17) Այս խոսքերը լսելով, Կլեարքոսը ուշքի եկավ ու երկու կողմերը զենքերը ցած դնելով, դադարեցրին իրենց վեճը։

VI. Այստեղից առաջ ընթանալիս, ճանապարհին նկատեցին ձիերի սմբակների հետքեր և աղբ։ Ենթադրվում էր, որ դրանք մոտ 2000 ձիու հետքեր էին։ Հեծյալներն իրենց ճանապարհին այրել էին և՛ խոտը, և՛ այն ամենը, ինչ կարող էր պիտանի լինել։ Այս ժամանակ պարսիկ Օրոնտասը, որը արքայի ազգակիցն էր և, ինչպես ասում էին, պարսիկների ռազմական գործի լավագույն գիտակներից, դավադրում է Կյուրոսի դեմ, քանի որ նախկինում ևս նրա հետ թշնամանք էր ունեցել, թեպետև հետո հաշտվել էր։ (2) Նա ասաց Կյուրոսին, որ եթե իրեն հազար հեծյալ տրամադրի, ապա ինքը դարանակալելով կամ կոչնչացնի առաջից գնացող և ամեն ինչ հրկիզող հեծյալներին, կամ էլ նրանցից շատերին գերի վերցնելով, կխանգարի նրանց առաջանալ այրելով, և որ դրանով իրեն կհաջողվի արգելել նրանց արքային որևէ տեղեկություն հաղորդել Կյուրոսի զորքերի մասին։ Կյուրոսը լսելով նրան, այդ բոլորը օգտավետ համարեց, և հրամայեց Օրոնտասին յուրաքանչյուր զորահրամանատարից վերցնել մի ջոկատ։ (3) Իսկ Օրոնտասը ենթադրելով, որ հեծյալներն արդեն պատրաստ են իր համար, նամակ է գրում արքային, հայտնելով, որ ինքը գալիս է հնարավորին չափ մեծաթիվ հեծյալներով. միաժամանակ խնդրում էր արքայից, որ իր հեծյալներին պատվիրի իրեն ընդունել իբրև բարեկամի։ Նամակում կար նաև հիշատակություն նախկին բարեկամության և հավատարմության։ Այս նամակը հանձնում է իր կարծիքով հավատարիմ մարդու, իսկ սա վերցնելով այն, հանձնում է Կյուրոսին։ (4) Կյուրոսը այն կարդալուց հետո կալանավորեց Օրոնտասին և իր վրանը հրավիրեց իր մերձավոր ազնվականներից յոթ պարսիկներին[66], իսկ հելլենների զորահրամանատարներին պատվիրեց բերել հոպլիտներին և զենքը ձեռքներին տեղավորել իր վրանի շուրջ։ Նրանք կատարեցին այս, բերելով շուրջ 3000 հոպլիտ։

(5) Բայց Կլեարքոսին ևս հրավիրեց իր վրանը որպես խորհրդական, քանի որ և՛ իրեն՝ Կյուրոսին, և՛ մյուսներին թվում էր, թե նա ամենահարգվածն է հելլենների մեջ։ Դուրս գալով վրանից. Կլեարքոսը հադորդեց իր ընկերներին, թե ինչպես կայացավ Օրոնտասի դատը, քանի որ դա գաղտնիք չէր։ (6) Նա ասաց, թե Կյուրոսը հետևյալ կերպ սկսեց իր խոսքը. «Բարեկամնե՛ր, ես ձեզ հրավիրեցի խորհրդակցելու և՛ աստվածային ու մարդկային օրենքների համաձայն դատավճիռ ընդունելու Օրոնտասի նկատմամբ, և՛ այն ի կատար ածելու։ Այս մարդուն առաջին անգամ հայրս է ինձ տվել իբրև հպատակի։ Այդ ժամանակ սա, ինչպես ինքն է ասում, եղբորս հրամանով իմ դեմ պատերազմ սկսեց, ձեռքի տակ ունենալով Սարդեսի միջնաբերդը․ ես նրա դեմ պատերազմեցի և ինձ հաջողվեց դադարեցնել իմ դեմ սկսված պատերազմը և ես բռնեցի նրա աջ ձեռքը, ինքն էլ իմը։ (7) Այդ բոլորից հետո,— շարունակեց Կյուրոսը,— ո՛վ Օրոնտաս, ես քո դեմ որևէ անարդարություն գործե՞լ եմ»։ Նա պատասխանեց թե՝ ոչ։ Դարձյալ Կյուրոսը հարցրեց. «Դու չէ՞իր, որ հետագայում, ինչպես ինքդ ես խոստովանում, ինձնից ոչ մի վիրավորանք չկրելով, լքեցիր ինձ ու անցար մյուսիացիների կողմը և հնարավորին չափ վնաս էիր հասցնում իմ երկրին»։ Օրոնտասը հաստատեց։ «Դու չէ՞իր որ,― ասաց Կյուրոսը,― երբ զգացիր քո ուժերի թուլությունը, եկար Արտեմիսի տաճարը և զղջում հայտնեցիր ինձ, իսկ ես խնայեցի քեզ, որից հետո, դու չէ՞իր դարձյալ, որ սկսեցիր ինձ համոզել և հավատարմության երդում տվեցիր և նույնը փոխադարձաբար ստացար ինձանից»։ Օրոնտասը այս ևս խոստովանեց։ (8) «Ուրեմն,— ասաց Կյուրոսը,— ի՜նչ անարդարության ես դու ենթարկվել իմ կողմից, որ հիմա էլ երրորդ անգամ ինձ դավաճանեցիր»։ Երբ Օրոնտասը պատասխանեց, որ ոչ մի անարդարության չի ենթարկվել, Կյուրոսը հարցրեց նրան. «Ուրեմն դու խոստովանո՞ւմ ես, որ իմ նկատմամբ անիրավ ես եղել»։ «Պետք է համաձայնվեմ», ասաց Օրոնտասը։ Այնուհետև Կյուրոսը կրկին հարցրեց. «Գուցե հիմա՞ ևս դու կդառնաս իմ եղբոր թշնամին, իսկ իմ հավատարիմ բարեկամը»։ Եվ նա պատասխանեց. «Եթե իսկ ես քո բարեկամը դառնամ, ո՛վ Կյուրոս, քեզ այդպիսին չեմ թվալու»։ (9) Այնժամ Կյուրոսը ասաց ներկաներին. «Այսպիսին են եղել մարդու գործերը, և այսպիսին են նրա խոսքերը։ Ձեզանից առաջինը դու, ով Կլեարքոս, արտահայտիր քեզ ճիշտ թվացող կարծիքը»։ Իսկ Կլեարքոսը այսպես ասաց. «Ես խորհուրդ կտամ վերացնել այս մարդուն ինչքան հնարավոր է շուտ, որպեսզի հետագայում երբեք հարկ չլինի նրանից պաշտպանվելու և որպեսզի մենք հնարավորություն ունենանք մեզ հավատարիմ մնացող մարդկանց շնորհակալ լինել»։ (10) Նա ասաց, որ նույն կարծիքը հայտնեցին նաև մյուսները։

Այս ամենից հետո, պատմեց նա, Կյուրոսի հրամանով բոլորը, նույնիսկ Օրոնտասի ազգակիցները, վեր կացան ու բռնեցին նրա գոտուց. այդ նշան էր Օրոնտասին մահվան դատապարտելու[67]։ Այնուհետև նրան դուրս բերեցին այն մարդիկ, ում հրամայվել էր։ Երբ նրան նկատեցին այն մարդիկ, ովքեր նախկինում նրան երկրպագում էին, այնժամ ևս երկրպագեցին, իմանալով հանդերձ, որ նա դեպի մահ էր առաջնորդվում[68]։ (11) Իսկ երբ նրան տարան Արտապատեսի վրանը, որը Կյուրոսի սենեկապետներից ամենավսաահելին էր[69], այնուհետև ոչ ոք Օրոնտասին չտեսավ ոչ կենդանի, ոչ մեռյալ, և ոչ ոք անգամ չէր կարող հաստատապես ասել, թե նա ինչպես սպանվեց. այս մասին տարբեր ենթադրություններ կային։ Մինչև իսկ նրա գերեզմանը երբեք հայտնի չեղավ։

VII. Այստեղից Կյուրոսը առաջ ընթացավ Բաբելոնիայի միջով երեք կայան՝ 12 փարսախ։ Երրորդ կայանում Կյուրոսը հելլենների և բարբարոսների զորատես կազմակերպեց գիշերվա կեսին բաց դաշտում։ Նա ենթադրում էր, որ հաջորդ օրը, արշալույսին, արքան կհայտնվի իր զորքով ճակատամարտ տալու։ Եվ հրամայեց Կլեարքոսին առաջնորդել աջ թևը, Մենոնին՝ ձախ թևը։ Ինքը ևս դասավորեց իր զորամասը։ (2) Զորատեսին հաջորդած օրը Կյուրոսի մոտ ժամանեցին փախստականներ մեծ արքայի զորքից ու տեղեկություններ հայտնեցին արքայի բանակի մասին։

Կյուրոսը իր մոտ հրավիրեց հելլենների զորահրամանատարներին և լոքագներին ու խորհրդակցեց նրանց հետ, թե ինչպե՞ս մղի ճակատամարտը, և ինքը նրանց քաջալերեց հետևյալ խոսքերով. (3) «Հելլեն ռազմիկներ, բարբարոսական զորք չունենալու պատճառով չէ, որ ես ինձ հետ տանում եմ ձեզ իբրև դաշնակից, այլ այն համոզմունքով, որ դուք շատ ու շատ բարբարոսներից ավելի հզոր եք և անվեհեր, այդ իսկ պատճառով ձեզ վերցրի ինձ հետ։ Ուրեմն քաջարի՛ եղեք, արժանի այն ազատության, որը դուք նվաճել եք և որի համար ես ձեզ երանի եմ տալիս։ Ու լավ իմացեք, ես ազատությունը կգերադասեի այն ամենից ինչ ունեմ և նույնիսկ ավելի։ (4) Եվ որպեսզի դուք իմանաք, թե ինչպիսի կռվի եք գնում, ես ձեզ կհայտնեմ, քանի որ այդ լավ գիտեմ։ Թշնամու զորքը մեծաթիվ է և հարձակվում է բարձր աղաղակելով։ Եթե դուք այդ բանին դիմանաք, ապա մնացյայի մասին ես կարծում եմ, որ ինձ համար անհարմար է պատմել, թե ինչպիսին կթվան ձեր դեմ դուրս եկած այս երկրի մարդիկ։ Եթե դուք արի լինեք և իմ գործերը բարեհաջող ելք ունենան, ապա ձեզանից տուն վերադառնալ ցանկացողներին ես այնպես ճանապարհ կդնեմ, որ տանը եղողների նախանձը շարժեն, բայց ես վստահ եմ, որ ձեզանից շատերը կգերադասեն ինձ մոտ ծառայելը տուն վերադառնալուց։

(5) Այնժամ այստեղ ներկա գտնվող Գավլիտեսը, որը փախստական էր Սամոսից և դարձել էր Կյուրոսի վստահելին, ասաց. «Այսուհանդերձ, ո՛վ Կյուրոս, ոմանք ասում են, թե դու այժմ շատ ես խոստանում, որովհետև գտնվում ես վերահաս վտանգի առաջ, իսկ եթե գործերդ հաջողությամբ պսակվեն, ապա դու չես հիշի քո խոստումները, իսկ ոմանք ասում են, որ եթե նույնիսկ հիշես քո խոստումները և ցանկանաս դրանք կատարել, ապա ի վիճակի չես լինի լրիվ կենսագործել»։ (6) Այս լսելով Կյուրոսն ասաց. «Ով զինվորներ, մեր հայրենական տերությունը տարածվում է հարավում մինչև այն վայրերը, որտեղ մարդիկ չեն կարողանում ապրել տապի պատճառով, իսկ հյուսիսում մինչև այն վայրերը, որտեղ չեն կարողանում ապրել ցրտի պատճառով։ Իսկ սրանց միջև եղած բոլոր երկրներում սատրապություն են անում իմ եղբոր մերձավորները։ (7) Եթե մենք հաղթենք, ապա պարտավոր ենք մեր մերձավորներին այդ երկրներում տիրակալ դարձնել։ Ուստիի ես վախենում եմ ոչ թե այն բանից, որ հաղթանակի դեպքում իմ բոլոր մերձավորներին նվիրելու բավականաչափ պարգևներ չեմ ունենա, այլ այն բանից, որ այնքան շատ ընկերներ չեմ ունենա, որպեսզի պարգևներ շնորհեմ։ Իսկ ձեզ, հելլեններից յուրաքանչյուրին, կպարգևեմ նաև ոսկե պսակ»[70]։ (8) Այս խոսքերը լսողները և՛ իրենք դարձան ավելի հոժարակամ, և՛ դրանք հաղորդեցին մնացյալ հելլեններին։ Այնժամ նրա մոտ եկան նաև մնացյալ հելլեններից ոմանք, խնդրելով իմանալ, թե իրենք ի՞նչ կստանան հաղթելու դեպքում։ Նա բոլորի ցանկությունը բավարարելով ճանապարհեց։ (9) Բոլոր նրա հետ զրուցողները համոզում էին նրան անձամբ չմասնակցել ճակատամարտին, այլ դիրքավորվել իրենց ետևում։ Եվ այնժամ Կլեարքոսը այսպիսի հարց ուղղեց Կյուրոսին. «Դու, ով Կյուրոս, կարծո՞ւմ ես, որ եղբայրդ քո դեմ կպատերազմի»։ «Զևսը վկա,― պատասխանեց Կյուրոսը,― եթե նա Դարեհի և Պարիսատիսի որդին է և իմ եղբայրը, ապա ես այս թագավորությունը առանց պատերազմի ձեռք չեմ բերի»։

(10) Այստեղ զինավառված հելլենների թիվը հետևյալն էր. մի բյուր և 400 վահանակիր (հոպլիտ ― Ս. Կ.) և 2500 պելտաստ[71]. իսկ Կյուրոսի հետ եղող բարբարոսների թիվը՝ տասը բյուր և շուրջ քսան մանգաղակիր ռազմակառք[72]։ (11) Ասում էին, թե թշնամու զորքը բաղկացած էր 120 բյուր զինվորից և 200 մանգաղակիր ռազմակառոքից[73]: Կար նաև վեց հազար հեծյալ, որոնց առաջնորդում էր Արտագերսեսը. սրանք դասավորվում էին անմիջապես արքայից առաջ։ (12) Արքայի բանակը ուներ չորս զորահրամանատար, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում էր 30 բյուր զինվոր, նրանք էին՝ Աբրոկոմասը, Տիսսափեռնեսը, Գոբրիասը և Արբակեսը։ Կռվի ժամանակ սրանցից մասնակցեցին 90 բյուր մարդ և 150 մանգաղակիր ռազմակառք, քանի որ Աբրոկոմասը Փյունիկիայից գալու ճանապարհին հինգ օր ուշացավ։ (13) Այսպես հայտնեցին Կյուրոսին մեծ արքայի մոտից ժամանած փախստականները. իսկ հետագայում կռվում վերցված գերիները նույն բանը հաստատեցին։

(14) Այստեղից Կյուրոսը առաջ ընթացավ մեկ կայան՝ երեք փարսախ, ամբողջ զորքը՝ և՛ հունականը, և՛ բարբարոսականը, ռազմական վիճակում դասավորած։ Նա ենթադրում էր, որ այդ նույն օրը տեղի կունենա ճակատամարտը արքայի հետ, քանի որ այստեղ ճանապարհին խրամատ էր փորված հինգ գրկաչափ լայնքով և երեք գրկաչափ խորությամբ[74]։ (15) Խրամատը ձգվում էր հարթավայրով դեպի վեր 12 փարսախ, մինչև Մեդական պարիսպը[75]։ (Այստեղ են գտնվում Տիգրիս գետից հոսող ջրանցքները, որոնք չորսն են։ Դրանց լայնքը մեկ պլեթրոն է և մեծ խորություն ունեն, այնպես, որ նրանցում լողում են հացատար նավեր։ Ջրանցքները թափվում են Եփրատ գետը և գտնվում իրարից մեկական փարսախ հեռավորության վրա, իսկ նրանց վրա կամուրջներ կան)[76]։ Եփրատի մոտ գետի և խրամատի միջև նեղ անցում կար, մոտ Քսան ոտնաչափ լայնությամբ։ (10) Այս խրամատը կառուցել էր մեծ արքան որպես ամրություն, լսելով, որ Կյուրոսը արշավում է իր դեմ։ Այս ևս Կյուրոսն իր զորքի հետ անցավ ու հասավ խրամատի ներքին կողմը։ (17) Այդ օրը արքան չբռնվեց կռվի, սակայն նկատվում էին նահանջող ձիերի և մարդկանց բազմաթիվ հետքեր։ (18) Այստեղ Կյուրոսն իր մոտ կանչեց գուշակ Սիլանոս ամբրակիացուն և նրան պարգևեց երեք հագար դահեկան այն բանի համար, որ նա դեռևս 11 օր առաջ զոհաբերություն կատարելով հայտնել էր իրեն, թե արքան դեռ 10 օր ճակատամարտ չի տալու։ Կյուրոսն այնժամ ասել էր. «Ուրեմն նա բոլորովին չի կռվի, եթե այդ օրերի ընթացքում կռիվ չսկսի։ Եթե քո գուշակությունը իրականանա, ապա քեզ խոստանում եմ վաթսուն տաղանդ»։ Այդ ոսկին էլ նա պարգևեց նրան, երբ տասը օրն անցավ։ (19) Եվ քանի որ արքան չխանգարեց Կյուրոսի զորքին խրամատն անցնելու ժամանակ, ապա և՛ Կյուրոսին, և՛ մյուսներին թվաց, որ արքան հրաժարվել է պատերազմ մղելուց։ Ուստի և հաջորդ օրը Կյուրոսը առաջ ընթացավ առավել ևս անհոգ։ (20) Իսկ երրորդ օրը նա ընթանում էր իր կառքը նստած, մինչդեռ իրենից առաջ գնում էր փոքրաթիվ մի ջոկատ, իսկ զորքի մեծ մասը շարժվում էր անկանոն և զորականների զենքի խոշոր մասը տանում էին կառքերով և բեռնակիր անասունների վրա բարձած։

VIII. Արդեն այն ժամն էր, երբ շուկան բազմամարդ է դառնում և մոտ էր կայանը, որտեղ Կյուրոսը մտադիր էր իջևանել, երբ Պատեգյուասը, Կյուրոսի մերձավորներից երևելի մի պարսիկ, քրտնաթոր ձիու վրա ամբողջ արագությամբ հայտնվելով, սկսեց բոլոր հանդիպողներին բարձրաձայն գոռալ և՛ բարբարոսների լեզվով, և՛ հունարեն, թե արքան մեծաթիվ զորքով մոտենում է, ամբողջովին պատրաստ պատերազմելու[77]։ (2) Այնժամ մեծ շփոթություն ծագեց, քանի որ հելլենները, ինչպես մնացած բոլորը, իսկույն ևեթ ենթադրեցին, թե հարձակման կենթարկվեն դեռես ռազմական կարգ չընդունած։ (3) Կյուրոսը կառքից ցած թռչելով զրահը հագավ և իր ձին հեծնելով, նիզակները ձեռքն առավ և հրաման հղեց բոլորին զինավառվել և ռազմաշարքում գրավել յուրաքանչյուրը իր տեղը։ (4) Զորքերը հապշտապ դասավորվեցին. Կլեարքոսը դիրքավորվեց դեպի Եփրատ գետը, գրավելով աջ թևը, նրան հաջորդում էր Պրոքսենոսը, սրան՝ մյուսները, մինչդեռ Մենոնը և նրա զորամասը գրավում էր հելլենական գորքերի ձախ թևը[78]։ (5) Բարբարոսական զորքից հազար հեծյալ պափլագոնացիներ, ինչպես նաև հելլեն պելտաստները, կանգնած էին Կլեարքոսի մոտ աջ թևում, իսկ ձախ թևում կանգնած էր Կյուրոսի տեղակալ Արիայոսը[79] և բարբարոսական մնացյալ զորքը, մինչդեռ ինքը Կյուրոսը, իր շուրջ եղած վեց հարյուր հեծյալներով, որոնք բոլորը, բացի Կյուրոսից, պատած էին զրահով, կոնքեռներով ու սաղավարտներով, գրավեց կենտրոնը։ Կյուրոսը կռվի էր գնում գլուխը չծածկած։ (Ասում են, թե պարսիկներն ընդհանրապես համարձակվում են կռվել չծածկած գլխով)[80]։ Իսկ բոլոր ձիերին Կյուրոսի ջոկատում հագցրել էին ճակատակապ և լանջապանակ։ Հեծյալները զինված էին նաև հելլենական թրերով։

(8) Արդեն կեսօր էր, բայց թշնամին դեռևս չէր հայտնվում։ Երեկոյան փոշի երևաց, սպիտակ ամպի նման, իսկ քիչ անց դաշտում հեռվից ինչ-որ սև ամպ բարձրացավ։ Երբ թշնամին ավելի մոտեցավ, սկսեցին փայլատակել պղնձե ինչ-որ մասեր և նիզակներ, ու թշնամու շարքերը նկատելի դարձան։ (9) Թշնամու ձախ թևում սպիտակազրահ հեծյալներն էին. ասում էին, թե նրանց առաջնորդում է Տիսսափեռնեսը։ Նրանց կողքին հյուսված վահաններ կրող ռազմիկներն էին, այնուհետև՝ մինչև ոտները հասնող փայտե վահաններով զինված հոպլիտները։ Ասում էին, թե իբր սրանք եգիպտացիներ են։ Այնտեղ կային նաև տարբեր տեսակի հեծյալներ և աղեղնավորներ։ Ալս բոլորը առաջ էին շարժվում բաժանված ըստ ազգությունների, իսկ յուրաքանչյուր ազգություն դասավորված էր մարդկանցով կազմված քառակուսու ձևով[81]։ (10) Նրանցից առաջ իրարից բավական հեռավորության վրա կանգնած էին մանգաղակիր կոչված կառքերը։ Դրանց մանգաղները թեքությամբ ամրացված էին անիվների առանցքին և հատու սայրերը դեպի գետին, այնպես, որ կտրատեին այն ամենը, ինչ կհանդիպեր իրենց ճանապարհին։ Պարսիկների նպատակն էր խրվել հելլենների շարքերի մեջ և դրանք մասնատել։ (11) Ինչ վերաբերում է Կյուրոսի այն խոսքերին, երբ զորաժողովում հելլեններին պատվիրեց չվախենալ բարբարոսների աղաղակներից, ապա դրանք սխալ դուրս եկան։ Որովհետև ոչ թե աղաղակելով, այլ հնարավոր լռություն պահպանելով, նրանք հանգիստ և դանդադ առաջ էին շարժվում։

(12) Այդ պահին Կյուրոսը թարգման Պիգրեսի և ուրիշ երեք թե չորս հոգու հետ մոտենալով, կարգադրեց Կլեարքոսին իր զորամասը վարել թշնամու կենտրոնի վրա, քանի որ արքան այնտեղ էր գտնվում։ «Եվ եթե,― շարունակեց նա,― մենք նրան հաղթենք, ապա ամեն ինչ ավարտված կլինի»։ (13) Բայց Կլեարքոսը՝ տեսնելով թշնամու կենտրոնի խտությունը և իմանալով Կյուրոսից, որ արքան գտնվում է հելլենների զորքի ձախ թևից այն կողմ ― արքայի զորքը բազմությամբ այնքան էր գերազանցում, որ նրա կենտրոնը ձգվում էր Կյուրոսի զորքերի ձախ թևից էլ այն կողմ ― չցանկացավ աջ թևը կտրել գետից, վախենալով երկուստեք շրջապատումից։ Ուստի և պատասխանեց Կյուրոսին, թե ինքը կհոգա, որպեսզի ամեն ինչ լավ լինի։

(14) Մինչ այդ բարբարոսական զորքը[82] կանոնավոր կերպով առաջանում էր, իսկ հելլենականը տեղում կանգնած իր շարքերն էր համալրում դեռևս նոր տեղ հասնող ռազմիկներով։ Եվ Կյուրոսը ոչ շատ հեռվից անցնելով իր զորքերի առջևից, նայում էր այս ու այն կողմ, դիտելով և՛ թշնամուն, և՛ լարայիններին։ (15) Հելլենական գորամասից Քսենոփոն աթենացին[83] նկատելով նրան, ընդառաջ եկավ ու հարցրեց, թե որևէ բան չի՞ հրամայի արդյոք։ Պահելով իր ձին, Կյուրոսը խոսեց Քսենոփոնի հետ, պատվիրելով նրան հաղորդել բոլորին, որ և՛ կանխանշաններն են բարենպաստ, և՛ զոհաբերությունները[84]։ (16) Այս ասելու պահին Կյուրոսը աղմուկ լսեց, որը գալիս էր շարքերի միջից, և հարցրեց, թե դա ի՞նչ բան է։ Քսենոփոնը պատասխանեց, թե կարգախոս են հաղորդում, որը արդեն երկրորդ անգամ է, ինչ անցնում է շարքերով։ Կյուրոսը զարմացավ, թե ո՞վ է կարգախոս տվել և հարցրեց, թե ինչպիսի՞ն է այն։ Ու Քսենոփոնը պատասխանեց. «Զևս-Փրկիչ[85] և հաղթանակ»։ (17) Կյուրոսն այս լսելով ասաց. «Ես այդ ընդունում եմ, և թող այդպես էլ լինի»։ Այս ասելով նա վերադարձավ իր դիրքերը։

Հակառակորդ զորասյուները իրարից բաժանում էր արդեն երեք թե չորս ասպարեզից էլ քիչ տարածություն, երբ հելլենները պեան երգելով[86] քայլեցին թշնամու դեմ։ (18) Երբ հարձակման ժամանակ ֆալանգսի մի մասը ինչ֊որ չափով առաջ անցավ, ապա մնացած մասն սկսեց վազել. և միաժամանակ բոլորն սկսեցին աղաղակել ի պատիվ Էնիալիոսի[87] և առաջ վազել։ Ասում են նաև, որ իբր ոմանք նիզակներով հարվածում էին վահաններին, ձիերին վախեցնելու նպատակով։ (19) Եվ նախքան նետերը կհասնեին նրանց, բարբարոսներն ընկրկեցին ու փախան[88]։ Այնժամ հելլեններն սկսեցին նրանց հալածել ամբողջ թափով, բայց միաժամանակ իրար ձայն էին տալիս, որ ոչ թե վազեն, այլ հետապնդեն թշնամուն ռազմական շարքերով։ (20) Ռազմակառքերի մի մասը քշվում էր թշնամու իսկ շարքերի միջով, մյուս մասն էլ, առանց կառապանների, հելլենների ռազմաշարքերի միջով[89]։ Բայց հելլենները դրանք տեսնելով, ճանապարհ էին տալիս։ Եղան նաև ոմանք, որ սարսափեցին, ինչպես ձիարշավարանում, բայց, ինչպես պատմեցին, նույնիսկ այդ ժամանակ սրանցից որևէ մեկը չվնասվեց և, ընդհանրապես, հելլեններից և ոչ մեկը այս ճակատամարտի ընթացքում ոչնչով չտուժեց, բացի մեկից աջ թևում, որը, ինչպես ասացին, նետահարվել էր։

(21) Կյուրոսը տեսնելով, որ հելլենները հաղթեցին իրենց դեմ կանգնածներին ու հետապնդում ես նրանց, հրճվեց. իսկ իրենց մոտիկ եղողները սկսեցին երկրպագել նրան որպես արքայի։ Այսուհանդերձ ինքը չհրապուրվեց թշնամուն հալածելու մտքից, այլ՝ պահպանելով իր վեց հարյուր հեծյալների ռազմական դասավորությունը, հետևում էր, թե արքան ինչ է անելու, քանի որ իրեն հայտնի էր, որ արքան գրավում է պարսկական բանակի կենտրոնը։ (22) Բարբարոսների բոլոր զորահրամանատարներն իրենց զորքերն առաջնորդում են մնալով կենտրոնում, մտածելով, որ այդ կերպ իրենք, երկուստեք զինվորական ուժերով պաշտպանված, առավել ապահով կլինեն, իսկ եթե անհրաժեշտություն զգացվի որևէ հրաման տեղ հասցնելու, ապա քանակն այն կստանա պահանջվող ժամանակի կեսում։ (23) Այդ պահին արքան, թեպետև զբաղեցնում էր իր բանակի կենտրոնը, գտնվում էր Կյուրոսի ձախ թևից դուրս։ Ու քանի որ ոչ ոք չէր գալիս ճակատելու նրա դեմ կամ նրա առաջ դասավորվածների դեմ, ապա նա թեքեց իր զորասյունը, թշնամուն շրջապատելու նպատակով։

(24) Այնժամ Կյուրոսը երկյուղ կրելով, որ հելլենական զորքը կարող է թիկունքից շրջանցվել ու մասնատվել, նետվեց թշնամու դեմ։ Եվ իր վեց հարյուր հեծյալների հետ հարձակում գործելով, հաղթեց արքայի առաջ դասավորված վեց հազարանոց զորամասը, փախուստի մատնեց և, ասում են, իր իսկ ձեռքով սպանեց նրանց առաջնորդ Արտագերսեսին։ (25) Իսկ երբ փախուստն սկսվեց, Կյուրոսի վեց հարյուրը, հալածելով թշնամուն, ցրվեցին, բացի շատ քչերից, որոնք չլքեցին Կյուրոսին, այն է՝ համարյա միայն նրա այսպես կոչված սեղանակիցներից[90]։ (20) Սրանց հետ եղած ժամանակ նա նկատեց արքային և նրա շուրջ գտնվող բազմությունը, ուստի չհամբերեց և իսկույն գոչեց. «Ես տեսնո՛ւմ եմ այրին» ու առաջ նետվելով արքայի վրա, հարվածեց նրա կրծքին ու խոցեց զրահի միջով, ինչպես պատմում է բժիշկ Կտեսիասը[91], որն, իր ասելով, բուժել է նրա վերքը։

(27) Մինչ Կյուրոսը հարվածում էր արքային, ինչ որ մեկը իր նիզակը ուժգին նետելով, հարվածեց Կյուրոսին աչքից փոքր-ինչ ցած։ Թե քանիսը արքայի կողմնակիցներից սպանվեցին այստեղ, երբ արքան ու Կյուրոսը և նրանց շուրջ եղողները կռվում էին, պատմել է Կտեսիասը, քանի որ նա արքայի հետ է եղել։ Ինքը Կյուրոսը սպանվեց և նրա հետ ընկան իր ամենահայտնի մերձավորներից ութ մարդ։ (28) Պատմում են, թե Արտապատեսը, մեկը Կյուրոսի ամենահավատարիմ մականակիրներից ու նրա սենեկապետը, տեսնելով որ Կյուրոսն ընկավ, ձիուց ցած նետվեց և իրեն գցեց նրա դիակի վրա։ (29) Ոմանք ասում են, թե արքան կարգադրեց ինչ-որ մեկին սպանել նրան Կյուրոսի դիակի վրա, ուրիշները՝ թե նա իրեն սպանեց իր ակինակեով. նա ուներ այդպիսինը, որը ոսկուց էր պատրաստված։ Նա մանյակ էր կրում, ապարանջան և այլ զարդեր, ինչպես ազնվական պարսիկները, քանի որ Կյուրոսը նրան պատվում էր նրա նվիրվածության ու հավատարմության համար։

IX. Այսպես մահացավ Կյուրոսը, մարդ, որը, ինչպես վկայում են նրան բոլոր մոտիկից ճանաչողները, Կյուրոս Մեծից հետո ծնված բոլոր պարսիկներից ամենից արքայավայելն էր և արժանավորագույնը գահակալելու[92]։ (2) Նախ, երբ նա, դեռևս մանուկ, դաստիարակվում էր իր եղբոր և այլ երեխաների հետ, ամեն ինչում համարվում էր բոլորից ընդունակը։ (3) Քանզի ազնվական պարսիկների բոլոր երեխաները դաստիարակվում են արքունի դռանը[93]։ Այնտեղ մարդ կարող է սովորել խելամտություն և ոչինչ վատթար բան ոչ կտեսնի, ոչ ևս կլսի։ (4) Երեխաներն այնտեղ ականատես և ականջալուր են լինում, թե արքան ո՞ւմ է պատիվ շնորհում և ո՞ւմ պատվազրկում։ Ուստի և մանուկ հասակից նրանք սովորում են և՛ իշխել, ե՛ ուրիշի իշխանության տակ լինել։ (5) Կյուրոսն այստեղ առաջին հերթին համարվում էր իր հասակակիցների մեջ համեստագույնը և առավել հնազանդը իրենից ավագների հանդեպ, քան իրենից համեստ ծագում ունեցողները։ Այնուհետև՝ նա բոլորից ավելի ձիասեր էր և լավագույնս օգտվում էր ձիերից։ Նա համարվում էր նաև ամենահետաքրքրասերը և ջանասերը ռազմական գործի, նետաձգության և նիզակի նետման մեջ։ (6) Երբ թևակոխեց համապատասխան տարիք, նա դարձավ նաև որսի մեծ սիրահար և գազանների վտանգի հանդեպ բոլորից անվեհեր[94]։ Մի անգամ, երբ արջը հարձակվեց նրա վրա, նա չվախեցավ, այլ ձիուց ցած նետվելով, արջի հետ գետին թավալվեց և, ճիշտ է, վնասվածք ստացավ, որի հետևանքը մնաց, բայց ի վերջո սպանեց գազանին։ Եվ իրեն օգնության հասած առաջին մարդուն նա շատերի աչքին երանելի դարձրեց։

(7) Իսկ երբ հայրը նրան ուղարկեց իբրև սատրապ Լյուդիայի և Մեծ Փռյուգիայի և Կապպադովկիայի, միաժամանակ նաև ստրատեգոս նշանակեց այն բոլոր զորքերի վրա, որոնք գումարվում էին Կաստոլոսի դաշտում, նա անհապաղ հայտարարեց, թե ամեն ինչից առավել կարևոր է համարում այն, որ եթե դաշն է կնքում և կամ որևէ խոստում տալիս, ապա ոչ մի դեպքում չխաբել։ (8) Այդ իսկ պատճառով նրան հավատում էին հպատակ քաղաքները, հավատում էին նաև մարդիկ։ Նույնիսկ եթե որևէ մեկը թշնամի էր եղել և Կյուրոսի հետ հաշտություն էր կնքում, ապա վստահ էր, որ հաշտության պայմաններին հակառակ երբեք չի տուժելու։ (9) Ուստի և երբ նա պատերազմեց Տիսսափեռնեսի դեմ, բոլոր քաղաքները, բացի Միլետից, հոժարակամ նախընտրեցին Կյուրոսին Տիսսափեռնեսի փոխարեն։ Իսկ Միլետի բնակիչները վախենում էին Կյուրոսից այն պատճառով, որ նա չէր ցանկացել փախստականներին հանձնել։ (10) Նա և՛ գործով էր ցույց տալիս, և՛ հայտարարում, որ երբեք նրանց չի լքի, քանի որ մի անգամ նրանց բարեկամն է դարձել, եթե նույնիսկ նրանց թիվը նվազի և դրությունը առավել վատթարանա։

(11) Նկատելի էր ամեն մեկին գերազանցելու նրա ձգտումը թե՛ իր հանդեպ բարերարություն անելու դեպքում, թե՛ վնաս պատճառելու դեպքում։ Ոմանք նույնիսկ պատմում են, թե նա մաղթում էր իրեն այնքան ապրել, մինչև կարողանար լրիվ հատուցել և՛ իր բարեկամներին, և՛ իրեն վնաս պատճառողներին։ (12) Եվ այդ էր պատճառը, որ շատերը ցանկացան ժամանակակիցներից միայն նրան վստահել և՛ իրենց ունեցվածքը, և՛ քաղաքները, մինչև իսկ իրենց կյանքը։ (13) Այսուհանդերձ, ոչ ոք չէր կարող ասել, թե նա հանդուրժում էր չարագործ և վատ մարդկանց չարախնդությունը, քանի որ նրանց ավելի դաժանորեն էր պատժում, քան մեկ ուրիշը։ Բանուկ ճանապարհների վրա հաճախ կարելի էր տեսնել ոտքերից ու ձեռքերից և աչքերից զրկված մարդկանց։ Եվ Կյուրոսի տիրույթներում ամեն մի հելլեն կամ բարբարոս, եթե ոչ մի վատ արարք չէր գործել, կարող էր աներկյուղ ճանապարհորդել իր ունեցվածքով որտեղ կամենար։

(14) Բոլորի վկայությամբ, նա պատերազմում քաջություն ցուցաբերողներին առավել էր պատվում։ Առաջինը նա կռվեց պիսիդիացիների և մյուսիացիների դեմ։ Ինքն անձամբ արշավելով այս երկրների դեմ, նվաճված վայրերի կառավարիչ նշանակեց այնպիսիներին, որոնք չէին խուսափում իրենց անձը վտանգի ենթարկելուց, իսկ հետագայում նրանց պատվեց այլ նվերներով ևս։ (15) Այսպիսով, կտրիճները արժանի դարձան ամենայն բարեկեցության, իսկ վատերին վիճակվեց դառնալ նրանց ստրուկները։ Ուստի և նրա մոտ միշտ լինում էին մեծ թվով մարդիկ, որոնք կամովին դիմագրավում էին վտանգը, եթե իմանային, որ այդ բանը հայտնի կդառնա Կյուրոսին։ (16) Եթե որևէ մեկը հռչակվում էր իր արդար գործով, ապա այն օրինակելի դարձնելու նպատակով, Կյուրոսր նրան հնարավորություն էր տալիս ապրելու ավելի ճոխ, քան այն մարդիկ, որոնք հարստացել էին անարդար գործերով։ (17) Ուստի և նա իր ձեռքի տակ ուներ և՛ հավատարմորեն ծառայող մեծ թվով օգնականներ, և՛ իրոք հուսալի բանակ։ Բանն այն է, որ զորավարներն ու վաշտապետները, որոնք դրամի համար էին ծովն անցնելով եկել իր մոտ, համոզվեցին, որ առավել շահավետ է Կյուրոսին լավ ծառայելը, քան թե պարզապես ամենամսյա շահը։ (18) Եվ եթե որևէ մեկը նրա հանձնարարությունը լավ էր կատարում, Կյուրոսը երբեք նրա հոժարության հանդեպ անշնորհակալ չէր լինում։ Այդ իսկ պատճառով, ինչպես պատմում են, ամեն մի գործի համար լավագույն օգնականները Կյուրոսի մոտ էին գտնվում։

(19) Եվ եթե նա նկատեր որևէ կառավարչի, որը իրեն վստահված երկիրը արդարությամբ էր ղեկավարում և եկամուտները ավելացնում էր շահավետ արտադրությամբ, ապա Կյուրոսը նրան երբեք ոչնչից չէր զրկում, այլ, ընդհակառակը, ավելին էր հատուցում, այնպես, որ նման մարդիկ հաճույքով էին աշխատում և համարձակորեն ունեցվածք ձեռք բերում, և հարստություն կուտակելուց հետո, բոլորից քիչ Կյուրոսից էին այն թաքցնում։ Նա չէր նախանձում բացահայտ կերպով հարստացողներին, բայց ձգտում էր օգտվել թաքցված գանձերից։

(20) Բոլորը վկայում են, որ ընկերների նկատմամբ նա ցուցաբերում էր հատկապես մեծ հոգատարություն, եթե նրանք, իր կարծիքով, անկեղծ էին իր հանդեպ և կարող էին իր հետ գործակցել իր մտածած ամեն բնույթի ձեռնարկումների ընթացքում։ (21) Եվ մտածելով, որ իր համար ևս ընկերները անհրաժեշտ են որպես գործակիցներ, ինքը նույնպես ձգտում էր ընկերների համար դառնալ լավագույն գործակից, եթե զգում էր, որ որևէ մեկը դրա կարիքն ուներ։ (22) Կարծում եմ, որ Կյուրոսն ինքը առավել քան մեկ ուրիշը նվերներ էր ստանում և բազմաթիվ առիթներով[95]։ Այս ամենը մեծ մասամբ նա պարգևում էր իր ընկերներին, նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կենցաղավարությունը և հաշվի առնելով ամեն մեկի պահանջմունքները։ (23) Եվ ինչքան որ շատ նվերներ էին ուղարկում իրեն, որպեսզի իր վրա կրի և՛ պատերազմի ժամանակ, և՛ պճնանքի համար, պատմում են, որ այդ բոլորի մասին էլ ասում էր, թե իր մարմինը չի տեղավորի այդքան շատ զարդարանք. իսկ, իր կարծիքով, լավ հագնված ընկերները մարդու մեծագույն զարդարանքն են։ (24) Զարմանալի չէ, որ նա բարեգործության մեջ գերազանցում էր իր ընկերներին, քանի որ նա առավել հզոր էր։ Բայց այն հանգամանքը, որ նա գերազանցում էր նրանց նաև ընկերների նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ և նրանց օգտակար հանդիսանալու պատրաստակամությամբ, ինձ հիացության արժանի է թվում։ (25) Այսպես, Կյուրոսը, երբ ստանում էր հատկապես ընտիր գինի, հաճախ էր իր ընկերներին կիսատ փարչեր ուղարկում և պատվիրում հադորդել, որ «երկար ժամանակ է, ինչ իրեն բախտ չի վիճակվել այդպիսի ընտիր գինի ունենալ, ուստի և Կյուրոսը այս ուղարկեց քեզ և խնդրեց այն այսօր իսկ խմել այն մարդկանց հետ, որոնց դու քո լավագույն ընկերներն ես համարում»։ (26) Հաճախ էլ նա կես սագ կամ կես հաց և նման բաներ էր ուղարկում, պատվիրելով տանողին ասել հետևյալը. «Կյուրոսը ճաշակեց սրանցից, և նա կամենում է, որ դու ևս ճաշակես սրանք»։ (27) Ու եթե որևէ տեղ խոտը հազվագյուտ էր լինում, մինչդեռ ինքը բազմաթիվ սպասավորներ և մեծ հնարավորություններ ունենալով, կարող էր այն մթերել, խոտը ուղարկում էր իր ընկերներին և պատվիրում այն տալ իրենց տանող ձիերին, որպեսզի իր ընկերները չգնային անոթի ձիերին նստած։ (28) Ուղևորության ժամանակ, երբ շատերն էին ցանկանում նրան տեսնել, նա իր մոտ կանչելով ընկերներին, զրուցում էր կարևոր գործերի մասին, որպեսզի հայտնի դառնար, թե որո՞նց է ինքը պատվում։ Ուստի և ես, դատելով իմ լսածներից, կարծում եմ, որ ոչ մեկը ո՛չ հելլեններից, ո՛չ բարբարոսներից այդպես սիրված չի եղել այդքան շատ մարդկանց կողմից։ (29) Այդ բանի ապացույցն է նաև հետևյալը։ Թեև Կյուրոսը ծառա էր[96], ոչ ոք նրան լքելով չգնաց արքայի մոտ, բայց միայն Օրոնտասը այդպիսի փորձ արեց։ Սակայն սրա կապակցությամբ ևս, որին արքան իր հանդեպ հավատարիմ էր համարում, շուտով համոզվեց, որ ավելի հակված է դեպի Կյուրոսը, քան դեպի իրեն։ Մինչդեռ արքայի մոտից շատերն անցան Կյուրոսի կողմը, երբ սրանք թշնամացան իրար, և այդ արեցին այն մարդիկ, որոնք առավել սիրված էին արքայի կողմից, ենթադրելով, որ Կյուրոսի մերձավորները դառնալով առավել բարձր պատվի կարժանանան, քան արքայի մոտ մնալով։ (30) Կյուրոսի կյանքի վախճանին տեղի ունեցածը ևս խոշոր ապացույց էր նրա առաքինության, ինչպես նաև իր նկատմամբ հավատարիմ, բարյացակամ և հուսալի եղողների հանդեպ նրա ունեցած արդարադատության։ (31) Քանզի երբ նա մահացավ, բոլոր նրա մերձավորները, ընկերները և սեղանակիցները, բացի Արիայոսից, սպանվեցին, կռվելով հանուն Կյուրոսի։ Իսկ Արիայոսը գտնվում էր ձախ թևում և առաջնորդում էր հեծելազորը։ Լսելով Կյուրոսի ընկնելը, նա փախավ, տանելով իր առաջնորդած ամբողջ զորամասը։

X. Այնժամ այստեղ կտրեցին Կյուրոսի գլուխը և աջ ձեռքը։ Իսկ արքան հետապնդելիս, ներխուժեց Կյուրոսի ռազմական ճամբարը։ Արիայոսի հետ եղողները, այլևս չդիմանալով, փախուստի դիմեցին իրենց ճամբարի միջով մինչև այն կայանը, որտեղից առավոտը մեկնել էին. ասում էին, թե այդ տարածությունը չորս փարսախ էր։ (2) Իսկ արքան և նրա հետ եղողները շատ բան խլեցին և միաժամանակ գերեվարեցին Կյուրոսի փոկայուհի հարճին[97], որի մասին ասում էին, թե իմաստուն էր և գեղանի։ (3) Իսկ ավելի երիտասարդ միլետուհուն, որին բռնել էին արքայի գինվորները, հաջողվեց առանց վերնազգեստի ետ փախչել հելլենների մոտ, որոնք զինված գտնվում էին գրաստների մոտ, և դիմադրելով, կողոպտիչներից շատերին սպանեցին, սպանվեցին նաև իրենցից ոմանք։ Սակայն նրանք չփախան ու փրկեցին և՛ միլետուհուն, և՛ մնացած այն ամենը, ինչքան որ այնտեղ հարստություն կար ու մարդ․ ամենը փրկեցին։

(4) Այնժամ արքան և հելլեններր գտնվում էին իրարից գրեթե երեսուն ասպարեզ հեռավորության վրա և սրանք հետապնդում էին իրենց դիմաց կանգնած թշնամուն, կարծելով, թե ընդհանրապես հաղթում են, իսկ նրանք կողոպտում էին, որպես թե արդեն բոլորին հաղթել են։ (5) Երբ հելլենները զգացին, որ արքան իր զորքով գրաստների մոտ է, իսկ արքան ևս իր հերթին լսեց Տիսսափեռնեսից, թե հելլենները հաղթել են իրենց դիմաց կանգնած զորամասերին և հալածելով նրանց, առաջ են շարժվում, այնժամ, ուրեմն, արքան գումարեց իր ուժերը ռազմական շարքերով, իսկ Կլեարքոսը կանչելով Պրոքսենոսին, որը իրեն մոտիկ էր, խորհուրդ արեց նրա հետ, զորքի մի մասը ուղարկե՞լ արդյոք ճամբարին օգնություն ցույց տալու համար, թե՞ իրենք բոլորը միասին գնան այնտեղ։ (6) Այդ պահին նորից հայտնվեց արքան, հարձակվելով, ինչպես իրենց թվաց, թիկունքից։ Այնժամ հելլենները շրջվելով պատրաստվեցին ճակատելու, ենթադրելով, որ արքան կշարժվի իրենց դեմ։ Իսկ արքան իր զորքն այդ կողմով չտարավ, այլ քաշեց դեպի Կյուրոսի զորամասի ձախ թևից այն կողմ, որտեղից և սկսել էր հարձակումը, իր հետ վերցնելով նաև նրանց, ովքեր ճակատամարտի ընթացքում փախել էին դեպի հելլենները, ինչպես նաև Տիսսափեռնեսին և նրա հետ եղողներին։ (7) Քանզի Տիսսափեռնեսը չէր նահանջել առաջին ընդհարման ժամանակ, այլ գետի եզերքով առաջ էր անցել դեպի հելլեն պելտաստները։ Հելլենների մոտով անցնելիս նա ոչ ոքի չէր սպանել, իսկ հելլենները տեղի տալով նետահարել և նիզակահարել էին նրանց։ Պելտաստներին առաջնորդում էր Եպիսթենես ամփիպոլսեցին, որի մասին ասում էին, թե խելամիտ է։ (8) Տիսսափեռնեսը կորուստներ կրելով հեռացել էր, բայց ետ չէր վերադարձել, այլ հասնելով հելլենների ռազմական ճամբարը, այնտեղ պատահել էր արքային, իրենց զորքերը միասին դասավորելուց հետո, նորից առաջ շարժվեցին։

(9) Երբ նրանք հայտնվեցին հելլենների ձախ թևում, հելլենները վախեցան, չլինի թե իրենց վրա հարձակվեն թևից և երկուստեք նեղելով, բնաջնջեն։ Ու նրանք որոշեցին տարածել թևը, գետը իրենց թիկունքում թողնելու նպատակով։ (10) Մինչ նրանք այդ մասին էին խորհրդակցում, արքան արդեն մոտով առաջ շարժվելով, իր զորքը դասավորեց նույն կարգով, ինչ այն կանգնած էր ճակատամարտի սկզբում։ Հելլենները երբ տեսան նրանց այնքան մոտիկ և արդեն մարտական դասավորությամբ, իսկույն պեան երգելով հարձակվեցին նրանց վրա առավել թափով, քան աոաջ։ (11) Բարբարոսներբ դարձյալ չդիմացան և փախան երբ դեռևս առավել մեծ տարածություն էր (նրանց բաժանում հելլեններից), քան առաջին (ընդհարման) ժամանակ. իսկ հելլենները հետապնդեցին նրանց մինչև ինչ-որ գյուղ։ (12) Հելլեններն այստեղ կանգ առան, քանի որ գյուղից վերև, բարձրանում էր մի հողաբլուր, որտեղ և բարձրացան արքայի շուրջ եղողները, որոնց մեջ չկային հետևակներ․ բլուրը լցվեց այնքան բազմաքանակ հեծյալներով, որ հնարավոր չէր հասկանալ այնտեղ կատարվածը։ Ասացին, թե այնտեղ տեսնում են արքունի զինանշանը՝ ոսկե արծիվ՝ նիզակի կոթառին հագցրած[98]։ (13) Բայց երբ հելլեններն սկսեցին դեպի այնտեղ ևս առաջանալ, հեծյալները այս բլուրը նույնպես լքեցին, բայց արդեն ոչ նամախմբված, այլ այս ու այն կողմ ցրվելով, այնպես, որ բլուրը մաքրվեց հեծյալներից և ի վերջո բոլորը հեռացան։ (14) Սակայն Կլեարքոսը գորքը չբարձրացրեց բլուր, այլ կանգնեցնելով այն ստորոտին, Լյուկիոս սիրակուսացուն և ուրիշ մեկին ուղարկեց բլրի գագաթը, պատվիրելով նրանց դիտարկել բլրի այն կողմը և հաղորդել իրեն, թե ի՞նչ կա այնտեղ։ (15) Եվ Լյուկիոսը մագլցելով ու դիտելով հաղորդեց, որ արագորեն փախչում են։ Գրեթե այդ ժամանակ արևը մայր մտավ։

(16) Այստեղ հելլենները կանգ առան, զենքերը հանեցին և սկսեցին հանգստանալ։ Միաժամանակ նրանք զարմանում էին, թե Կյուրոսը ոչ մի տեղ չի երևում և նրա մոտից ոչ ոք չի գալիս իրենց մոտ։ Քանզի նրանք չգիտեին նրա մահվան մասին, այլ ենթադրում էին, թե նա կամ հեռացել է, հալածելով թշնամուն, կամ էլ առաջ է անցել որևէ դիրք գրավելու համար։ (17) Ու նրանք սկսեցին խորհրդակցել՝ տեղում մնալով, գումակը և՞ս այստեղ բերել, թե՞ վերադառնալ ճամբար։ Որոշեցին վերադառնալ, և վրանների մոտ հասան ընթրիքի ժամին։ (18) Այդ օրն այդպես վերջացավ։ Նրանք տեսան, որ իրենց ունեցվածքի մեծ մասը կողոպտված է, ինչպես նաև ամբողջ ուտելիքն ու խմիչքը և ալյուր ու գինի բարձած այն սայլերը, որ Կյուրոսը պատրաստել էր խիստ կարիքի դեպքում հելլեններին բաժանելու համար. իսկ այդպիսի սայլերի թիվը, (ինչպես ասում են), չորս հարյուր էր. արքայի զորքը հափշտակել էր այս սայլերը ևս։ (19) Այսպիսով հելլենների մեծ մասը մնաց առանց ընթրիքի։ Ոմանք մնացին նույնիսկ առանց նախաճաշի, քանի որ արքան ավելի շուտ էր հայտնվել, քան զորքը կարձակվեր նախահաշի։ Այս գիշերը նրանք այսպես անցկացրին։



  1. Աքեմենյան Դարեհ 2-րդ Նոթոսը (հունարեն նշանակում է՝ «անհարազատ») իշխել է Պարսկաստանում մ.թ.ա. 423—404 թթ.։ Պարիսատիսը Դարեհ 2-րդի քույրն էր և կինը։ Աչքի էր ընկնում փառասիրությամբ և դաժանությամբ։ Իր ամուսնու, ինչպես և հետագայում իր որդու թագավորության ժամանակ նա մեծ ազդեցություն ուներ պարսկական արքունիքում։
  2. Աքեմենյան թագավորներից Արտաքսերքսես 2-րդ Մնեմոնը (հունարեն նշանակում է՝ «հիշողության տեր») հաջորդել է Դարեհ 2-րդին և թագավորել 404—358 թթ.։ Նրա դեմ ապստամբեց կրտսեր եղբայրը՝ Կյուրոսը, որը 401 թ. ջախջախվեց Կունաքսայի մոտ։ Այս Արտաքսերքսեսին է Պլուտարքոսը նվիրել իր «Զուգահեռ կենսագրություններից» (հայկական թարգմանական ավանդության մեջ՝ «Զուգակշիռք») մեկը։
  3. Այս Կյուրոսին Աքեմենյան հարստության հիմնադիր Կյուրոս Մեծի հետ չշփոթելու համար կոչել են Կյուրոս Կրտսեր։
  4. Դարեհն այդ ժամանակ գտնվում էր Մեդիայում, ուր գնացել էր 404 թ. կադուսյան ցեղերի ապստամբությունը ճնշելու համար։
  5. Սատրապ (σατράπης) հին պրսկ. xšaθrapā բառի հունականացրած ձևն է և նշանակում է՝ «տեղապահ, աշխարհապահ»։ Աքեմոնյան տերության վարչական բաժանումները կոչվում էիս սատրապություններ։ Սատրապությունների կառավարիչ սատրապներին նշանակամ էր ինքը՝ արքայից արքան, որպես կանոն, պարսկական ավագանու բարձր ներկայացուցիչների միջից, իր մերձավորներին ու ազգակիցներին։ Իրեն վստահված սատրապության սահմաններից ներս սատրապը մի տեսակ փոքր արքա էր։ Արքայից արքայի ձեռնարկած ռազմական արշավանքների ժամանակ սատրապը գլխավորում էր իր սատրապությունից հավաքագրած զորքը։ Սատրապը պարտավոր էր նաև ապահովելու տուրքերի և հարկերի գանձումը իր տիրույթներից հօգուտ արքայի, ինչպես նաև վարելու դատական գործերը սատրապության ներսում։ Գերագույն այս պաշտոնյան իրավունք ուներ իր սատրապական ներքին շրջանառության կարիքների համար արծաթ և պղինձ դրամ հատելու, մինչդեռ ամբողջ տերության մեջ ոսկի դրամ հատելու իրավունքը արքայից արքան վերապահում էր բացառապես իրեն։
  6. Կաստոլոս դաշտը գտնվում էր Լյուդիայի միջով հոսող Հերմոս գետի հովտում։ Այս դաշտը արևմտյան Փոքր Ասիայում գտնվող պարսկական ռազմական բոլոր ուժերի տարեկան ստուգատեսի հավաքատեղին էր։
  7. Տիսսափեռնեսը Հյուդառնեսի որդին էր, Պարսկաստանի խոշոր պետական գործիչներից մեկը 5-րդ դարի վերջին―4-րդ դարի սկզբին։ Հավանաբար արենակցական կապ է ունեցել Հայաստանի Երվանդունիների հետ, քանի որ, Ստրաբոնի վկայությամբ, հայոց Երվանդ թագավորը ևս (III դարի վերջերը) համարվում էր Հյուդառնեսի շառավիղը (Strabo, XI, 14, 15)։
  8. Հոպլիտները կազմում էին հելլենների ծանրազեն հետևակը, հունական զորքի հարվածային ուժը։ Տվյալ դեպքում, անկասկած, նրանք պետք է Կյուրոսին ծառայեին իբրև թիկնապահներ։
  9. Պլուտարքոսը այլ ձևով է պատմում այս դեպքի մասին։ Ըստ նրա, Կյուրոսը մահափորձ է նյութում Արտաքսերքսեսի դեմ, վերջինիս թագադրման արարողության ժամանակ, բայց մատնվում իր քուրմ-դաստիարակի և Տիսսափեռնեսի ձեռքով։ Սակայն մայրը միջնորդելով՝ փրկում է Կյուրոսին մահապատժից (Plut., Artaxerxes, 2, 3)։
  10. «Բարբարոս» ասելով հելլեն հեղինակները նկատի են ունեցել բոլոր ոչ-հելլեններին։ Բարբարոս այդ ժամանակ նշանակում էր ընդհանրապես «օտարերկրացի»։ Քսենոփոնի այս և հետագա հատվածներում «բարբարոսներ» արտահայտության տակ պիտի հասկանալ ընդհանրապես պարսիկներին։
  11. Առանց երկիրը կամ անունը նշելու արքային հիշատակելիս, հելլենները միշտ էլ նկատի են ունեցել պարսից արքային, որն իր հզորությամբ անհամեմատ գերազանցում էր Արևելքի բոլոր իշխանավորներին։ Նրա այդ հզորությունը իր արտահայտությունն է գտել նրան տրված «արքայից արքա» պարսկական տիտղոսի մեջ։ Հելլենները նրան հաճախ անվանում էին «մեծ արքա»։
  12. Փոքր Ասիայի արևմտյան ծովափի հոնիական քաղաքները, որոնք հունական պոլիսներ էին, այդ ժամանակ գտնվում էին Պարսկաստանի գերիշխանության տակ և պարտավոր էին հարկ վճարել պարսից արքայից արքային և պատերազմի դեպքում ցույց տալ նրան ռազմական օգնություն։ Արքան համապատասխան սատրապի, ինչպես նաև իր նշանակած տիրանների միջոցով վերահսկում էր այդ քաղաքների ներքին և արտաքին քաղաքականության հիմնական գծերին, մնացյալ հարցերում թողնելով նրանց ինքնավար։
  13. Աբյուդոս ― քաղաք Մյուսիայի փոքրասիական ծովափին, Հելլեսպոնտոսի ամենանեղ հատվածում։ Այս քաղաքը հիշատակվում է դեռևս Հոմերոսի Իլիականում (II, 836)։ Աբյուդոսը հետագայում գաղութացվեց միլետացիների կողմից։ Այստեղ էր, որ Քսերքսեսը իր բազմաբյուր բանակի զորատեսը կազմակերպեց 480 թ., նախքան Աթենք արշավելը։
  14. Կլեարքոսը պելոպոնեպան պատերազմի ժամանակ Սպարտայի աչքի ընկնող զորահրամանատարներից էր, իր ժամանակի արկածախնդիր ռազմական առաջնորդի տիպական ներկայացուցիչը, որը ռազմական գործունեությունը միջոց էր համարում իշխանության հասնելու համար։
  15. Դահեկան (բնագրում՝ δαρεικος նշանակում է՝ դարեհական) ― պարսկական ոսկեդրամ, մոտ 5,40 դոլար արժեքով, որի գնողունակությունը, սակայն, եղել է ավելի բարձր։ Այն կշռում էր 8,4 գրամ։ 3000 դահեկան = 1 տաղանդ = մոտ 26 կգ.։
  16. Պիսիդիա ― լեռնային երկիր Փոքր Ասիայի հարավային մասում, Լիկիայի և Կիլիկիայի միջև։ Պիսիդիացիները, իրենց հարևան լիկաոնացիների, իսավրիացիների և պամփիլիացիների նման ապրում էին Տավրոսում գտնվող բնակավայրերում ու քաղաքներում։ Մինչև 5-րդ դարի կեսերը նրանք պարսկական տիրապետության տակ էին, իսկ հետագայում, օգտվելով Պարսկաստանում կենտրոնական իշխանության թուլացումից, անկախացան և սկսեցին արշավել պարսիկներին ենթակա հարևան մարզերը։ Պարսիկներին այնուհետև հնարավոր չեղավ նրանց լրիվ հնազանդեցնել։
  17. Սարդես ― ամրացված քաղաք արևմտյան Փոքր Ասիայում, որը հանդիսանում էր պարսկական սատրապի նստավայրը։
  18. Բնագրում՝ γυμνῆτας = մերկեր։ Այսպես էր կոչվում թեթևազեն հետևակը, որը չուներ պաշտպանողական սպառազինություն։ «Մերկ» բառը նույնպիսի նշանակությամբ գործածել է նաև Մովսես Խորենացին։ Խոսելով Տիգրան Երվանդյանի գործունեության մասիս, պատմահայրը ի միջի այլոց գրում է. «Հետևամարտքն ի վերայ ուսոց ձիոց բերեալք, և պարսաւորքն առ հասարակ ղիպաղեղունք, և շերտաւորքն ի սուսեր և ի տէգ նիզակի վառեալք. մերկքն վահանօք և զգեստուք երկաթեօք պարածածկեալք» (Մ. Խորենացի, Ա, ԻԴ)։
  19. Պելտաստները հունական բանակում զորքի այն տեսակն էր, որը միջանկյալ տեղ էր գրավում հոպլիտների և մերկերի միջև։ Նրանց տարբերությունը մերկերից այն էր, որ նրանք կրում էին թեթև կլոր վահան, որը հունարեն կոչվում էր πελτη ― պելտե (այստեղից էլ նրանց անունը՝ պելտաստներ)։
  20. Բնագրում՝ σταθμοσ ― ստաթմոս։ Կայանը բանակելու վայր էր։ Այդպիսի կայանները տեղաբաշխված էին իրարից մոտավորապես մեկ օրվա ճանապարհի հեռավորության վրա;
  21. Փարսախը (բնագրում παρασάγγας) երկարության չափ էր, որ հավասար էր 30 ստադիոնի՝ ասպարեզի (մոտ 5,5 կմ.)։
  22. Պլեթրոն ― երկարության չափ, հավասար մոտավորապես 30 մետրի։
  23. Մենոն թեսսալացու մասին հիշատակություն կա նաև Պլատոնի մոտ։ Ըստ երևույթին Քսենոփոնը նրա նկատմամբ աչառու է եղել։ Մենոնը Կլեարքոսի ախոյանն էր և ձգտում էր Կյուրոսի հելլեն վարձկանների մեջ առաջին զորավարը դառնալ։ Քսենոփոնը համարում է նրան դավաճան, որը պատասխանատու է եղել չորս հրամանատարների, այդ թվում և Քսենոփոնի մտերիմ ընկեր Պրոքսենոսի մահվան համար, ուստի և հեղինակը Մենոնին բնութագրելիս խտացրել է գույները։ Համենայն դեպս, Պլատոնի մոտ այլ կերպ ներկայացված լինելով հանդերձ, Մենոնը հին աշխարհում համարվել է դավաճան։
  24. Դոլոպների ցեղը բնակվում էր Եպիրոսում։ Էնիանները բնակվում էին հարավային Թեսսալիայում։ Օլինթոս քաղաքը գտնվում էր Քաղկիդիկե թերակղզում։
  25. Հույները պարսից արքայից արքային հաճախ կոչել են մեծ արքա։ (Տե՛ս ծան. 11)։
  26. Ակնարկությունը սատիր Մարսիասին վերաբերող առասպելի մասին է, որի համաձայն Մարսիասը այնքան է մեծամտանում, որ երաժշտական մրցության մեջ է մտնում մինչև իսկ Ապոլլոնի հետ։ Ապոլլոնը հաղթելով Մարսիասին, չարաչար պատժում է նրան, մորթազերծ անելով։
  27. Քսերքսես ― պարսից արքայից արքա (486—465 թթ.)։ Այս հատվածում նկատի է առնված Քսերքսեսի պարտությունը Հունաստանում 480 թ.։
  28. Լիկյան տոները կազմակերպվում էին Զևսի պատվին։
  29. Հելլադայում մարզական մրցման մասնակիցներն իրենց մարմինը օծում էին յուղով, որը մրցումից հետո մաքրում էին հատուկ քերիչներով։
  30. «Կերամոն ագորա» հունարեն նշանակում է խեցեղենի շուկա։
  31. Սյուեննեսիսը միայն ձևականորեն էր թագավոր։ Նա փաստորեն արքայից արքայի հպատակներից էր։ Այդ իսկ պատճառով նա ձգտում էր լավ հարաբերություններ պահպանել և՛ Կյուրոսի, և՛ Արտաքսերքսեսի հետ։
  32. Միդասը Փռյուգիայի կիսաառասպելական թագավորն էր։ Սատիրոսը հունական դիցաբանության երկրորդական աստվածներից էր, Դիոնիսոսի մշտական ուղեկիցը, որը մեծ թուլություն ուներ գինու նկատմամբ։ Սատիրոսի մասին այս զրույցը հանգամանորեն հիշատակում է նաև Հերողոտոսը (VIII, 138)։ Զրույցի շարունակության մեջ պատմվում է, թե Միդասը Սատիրոսի հանդեպ ցուցաբերած իր ազնիվ վերաբերմունքի համար վարձատրվեց Դիոնիսոսից այն բանով, որ պետք է կատարվեր նրա որևէ ցանկությունը։ Միդասը ցանկացավ, որ այն ամենին, ինչ ինքը ձեռք տար, ոսկի դառնար։ Նրա այս ցանկությունը կատարվեց և դրանով իսկ նա քաղցած մահացավ։
  33. Ջոկատը (բնագրում՝ ????) 60 հեծյալից բաղկացած զորախումբ էր։
  34. Խիտոն ― մի տեսակ վերնաշապիկ, առանց թևերի։ Կնեմիս ― մետաղյա զրահ, որը կռվի ժամանակ ռազմիկի ծունկն ու սրունքը պահպանում էր հարվածներից։
  35. Հունական զորքերին մթերքով օրապահիկ չէր տրվում։ Զինվորներն իրենց օրական պարենը գնում էին զորքին ուղեկցող առևտրականներից, եթե զորքը գնում էր ոչ թշնամական երկրի միջով։ Թշնամու երկրում զորքը ապրում էր կողոպուտի հաշվին։ Անապատներն անցնելիս զորքն իր հետ տանում էր մթերքը։ Զորահրամանատարի կարևոր հոգսերից մեկն էլ բանակի իջևանած վայրին մոտիկ մթերքի շուկայի առկայության հարցն էր։
  36. Կյուրոսի այս քայլից երևում է, որ Լիկաոնիան չէր մտնում նրա գերիշխանության տակ գտնվող սատրապության մեջ։
  37. Արքունի ծիրանակիր (?????)։ Այս տերմինի նշանակությունը վերջնականապես չի պարզված։ Հնարավոր է անել չորս ենթադրություն. 1) Այդպես էին կոչվում բարձրաստիճան այն պարսիկները, որոնք իրավունք ունեին ծիրանի զգեստ հագնելու։ 2) Այդ տիտղոսը կրում էին պարսկական զորքի դրոշակակիրները, քանի որ պարսկական դրոշները ծիրանեգույն էին։ 3) Այդ տիտղոսը կրում էր արքունի ներկատների կառավարիչը։ 4) Այդպես կարող էր կոչվել արքայի հանդերձապահը, «զգեցուցանողը», ինչպես կասեր Խորենացին (Բ, Է)։
  38. Տրիերա ― հունական ռազմանավ, երեք շարքի վրա տեղավորված թիակներով։
  39. Սոլի ― ծովափնյա քաղաք Կիլիկիայում, որը հետագայում նվաճվեց հայոց Տիգրան 2-րդ թագավորի կողմից և որի բնակիչները բռնի տեղափոխվեցին Հայաստան։ Իսսոս առափնյա քաղաք Կիլիկիայում, Ասորիքի սահմանին մոտ։ Պատմության մեջ հայտնի է այն բանով, որ այստեղ 333 թ. Ալեքսանդր Մակեդոնացին արքայից արքայի բազմահազար զորքը գլխովին ջախջախեց։
  40. Լոքոս ― զորական ստորաբաժանում մոտ 100 հոգուց՝ վաշտ։
  41. Ակինակե (?????) ― կարճ թուր, որը տղամարդիկ դաշույնի նման կրում էին իրենց մեջքին։
  42. Այսպիսի նվերներ կարող էր պարգևել միայն պարսից արքայից արքան։ Կյուրոսի այա քայլից պարզ է դառնում, որ նա արդեն իրեն համարում էր արքայից արքա։
  43. Դիոդորոս Սիկիլիացին այլ կերպ է նկարագրում Կիլիկիայի թագավորի բռնած ընթացքը։ Նա պատմում է, թե Սյուեննեսիսը Կյուրոսին դիմադրելու ուժ չունենալով, խուսանավում էր։ Իր որդիներից մեկին նա Կյուրոսի հետ ուղարկում է արշավանքի Արտաքսերքսեսի դեմ, հանձնելով նրան ռազմական ջոկատ։ Միաժամանակ մյուս որդուն նա ուղարկում է արքայի մոտ, հայտնելու համար իր հավատարմությունը և տեղեկացնելու Կյուրոսի զորքերի թիվը։ Նա, ըստ երևույթին, հաջողություն չունեցավ, քանի որ 4-րդ դարում նրա դինաստիան վերացել էր (Diodor., XIV, 20)։
  44. Ասպարեզ (բնագրում՝ σταδιον = ստադիոն)։ Հունական տարբեր քաղաքներում ասպարեզը ունեցել է տարբեր երկարություն։ Ատտիկյան ասպարեզը հավասար էր 177 մետրի։ Քսենոփոնը, որպես աթենացի, երկարությունը հաշվում էր ատտիկյան ասպարեզով։
  45. Նավարքոս (ναύαρχοσ) նշանակում է՝ «ծովակալ»։ Այդպիսին էր հունական նավատորմի հրամանատարի տիտղոսը։
  46. Դիոդորոս Սիկիլիացին (XIV, 19) պատմում է, որ Կյուրոսը սպարտացիներից օգնություն խնդրեց, և վերջիններս 800 ռազմիկ ուղարկեցին Կյուրոսին, Խեյրիսոփոսի հրամանատարության տակ։
  47. Հերոդոտոսը (V, 52 և հաջ.) պատմում է, թե Աքեմենյան Պարսկաստանի կարևորագույն ճանապարհների վրա, առանձնապես սատրապությունների սահմաններին և դժվարամատույց վայրերում պարսիկները կառուցել էին ամրություններ, որոնք հույն պատմագիրը կոչում է «դարբասներ»։ Այնտեղ մշտապես կանգնած էին կայազորեր։ Սա արքայից արքային հնարավորության էր տալիս վերահսկելու ճանապարհները և անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ գործադրելու։ Կիլիկիայից Ասորիք տանող այս դարբասի մասին հիշատակում է նաև Ստրաբոնը (XIV, 5, 18 և XVI, 2, 8)։ Այդ դարբասը գտնվում էր այն վայրում, որտեղ Ամանոս լեռը ճյուղավորվում է Տավրոսից ու ձգվում Կիլիկիայի արևելյան սահմանով մինչև ծով։ Այս անցքը կոչվում էր նաև Ամանոսյան դարբաս։
  48. Աբրոկոմասը Փյունիկիայի սատրապն էր։
  49. Տրալլես՝ քաղաք Կարիայում, հարավ֊արևմտյան Փոքր Ասիայում։
  50. Սեմական Ատարգատիս ― Դերկետո դիցուհու պաշտամունքը կապված էր սրբազան համարվող ձկների հետ։ Ատարգատիսի գլխավոր տաճարը Բոմբիկե քաղաքում էր, որը գտնվում էր Խալոս գետի մոտ, Եփրատից ոչ հեռու, Կյուրոսի երթուղուն մոտիկ։ Ատարգատիս-Դերկետոյի պաշտամունքը շատ էր տարածված սեմական ցեղերով բնակեցված երկրներում։ Տարածված զրույցի համաձայն, Դերկետո դիցուհին փոխակերպվեց ձկան, իսկ նրա դուստր Սեմիրամիսը (Շամիրամ)՝ աղավնու։
  51. Պարսկական արքունիքի անդամները, ինչպես նաև բարձրաստիճան պարսիկները բնահարկի ձևով եկամուտ էին ստանում քաղաքներից ու երկրամասերից, որոնք արքան այդ նպատակով էլ պարգևել էր իրենց։ Այս միջոցները ծախսվում էին արքունիքի պահպանման և հանդերձարանի համար։ «Գոտու համար» (բնագրում՝ ????) արտահայտությունը, հավանաբար, նշանակում է «հանդերձանքի համար»։ Հերոդոտոսը (II, 98), օրինակ, հաղորդում է. որ եգիպտական Ատիլլա քաղաքը պարսից արքային տրամադրում էր կոշիկ։
  52. Բաբելոնը կառուցվել էր հավանաբար դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում և հետագայում դարձել մի թագավորության մայրաքաղաք, որը նրա անունով կոչվել է Բաբելոնիա։ Այն գտնվում էր Եփրատ գետի վրա։ Պարսից արքայից արքան սովորաբար իր ամառն այստեղ էր անցկացնում։
  53. Այստեղ հույն զինվորները ոչ թե ընդհանրապես ոոճիկի ավելացում են պահանջում, այլ միանվագ հատուկ վարձ։
  54. Մնա — հունական կշռի միավոր, որը հավասար է 617 գրամի։
  55. Լոքագոս — լոքոսի հրամանատար՝ վաշտապետ (տե՛ս ծանոթ. 40)։
  56. Գլուս ― եգիպտացի Տամոսի որդին, Կյուրոսի մերձավորը և թարգմանը։ Կյուրոսի պարտությունից ու սպանությունից հետո անցավ Արտաքսերքսեսի կողմը և հետագայում դարձավ պարսկական նավատորմի հրամանատար։
  57. Չշփոթել Հայաստանի Արաքս (Երասխ) գետի հետ, որի ակունքները Քսենոփոնի մոտ կրում են Փասիս (Φάσις) անունը։ Այստեղ հիշատակված Արաքսես գետը Եփրատի ձախ վտակներից է Միջագետքում։
  58. Այստեղ Քսենոփոնը ոչ ճիշտ կերպով Արաքսես գետից մինչև Բաբելոնի սահմանն ընկած երկիրը կոչում է Արաբիա։
  59. Հունարենում Պյուլե (????) նշանակում է «դարբաս»։ Հավանաբար այստեղ ևս ամրացված կետ կար, որը պաշտպանում էր Կիլիկիայից Բայբելոն տանող առևտրական ճանապարհի այս հատվածը, որը միաժամանակ Բաբելոնի մուտքն էր։
  60. Լյուդիացիները հայտնի են եղել որպես մանրածախ առևտրականներ։
  61. Կապիթե (καπίθη) ― հայկական աղբյուրներում հանդիպում է «կապիճ» ձևով, տե՛ս Հր. Աճառյան, Արմատական բառարան, հատ. Բ (տարողության պարսկական չափ, որը հավասար էր 2,3 լիտրի)։ Սիկղ — պարսկական արծաթ դրամ, որը կշռում էր 5,6 գրամ։ Օբոլա — հունական մանր արծաթ դրամ։ Քոյնիկս (χοίνικας) — տարողության հունական չափ, որը հավասար էր 1,1 լիտրի։ Քսենոփոնի հիշատակած այս գինը 50 անգամ ավելի էր, քան հացի սովորական գինը Աթենքում։
  62. Կանդիս (κάνδυς) — պարսկական թևավոր վերնազգեստ։
  63. Անաքսիրիդ — պարսկական երկար ու նեղ անդրավարտիք։
  64. Էդ. Մեյերը հաշվել է, որ Աքեմենյան Պարսկաստանի բնակչության թիվը կազմում էր մոտ 50 միլիոն մարդ (E. Meyer, Geschichte des Altertums, B. Ill, էջ 91)։
  65. Գետանցման այս ձևը լավագույնս պատկերված է Դարեհ Ա-ի Բեհիստունյան արձանագրության բարձրաքանդակներում։
  66. Աքեմենյանների տերության մեջ արքայից արքայի կողքին կար յոթ ազնվագույն պարսիկների խորհուրդը։ Այդ յոթ պարսիկները արքայի մերձավորագույն խորհրդականներն էին և օգնականները։ Հետագայում, Աքեմենյանների տիրապետության տապալումից հետո Փոքր Ասիայում առաջացած հելլենիստական պետությունների թագավորները (Արիարաթեսը՝ Կապադովկիայում, Միհրդատը՝ Պոնտոսում, Օրոնտեսը (Երվանդ)՝ Հայաստանում) իրենց համարում էին այդ յոթ պարսիկներից որևէ մեկի շառավիղը։ «Անաբասիսի» այս հատվածից կարելի է հետևցնել, թե Կյուրոսը ևս, որպես սատրապ և արքայորդի, իր մերձավորներից ստեղծել էր յոթի նմանօրինակ խորհուրդ։ Նյսս արքունիքը, ընդհանրապես, կազմակերպված էր պարսից արքայից արքայի արքունիքի օրինակով։
  67. Պարսիկների մոտ գոտուն ձեռք մեկնելը, որպես մահվան դատապարտելու նշան, նկարագրված է նաև Դիոդորոս Սիկիլիացու կողմից (Diodor., XVII. .50)։
  68. Աքեմենյան Պարսկաստանում հաստատված սովորության համաձայն, արքայի հայտնվելու ժամանակ բոլոր հպատակները պարտավոր էին նրան երկրպագել որպես աստծու (պրոսկինիսիս)։ Քսենոփոնի այս նկարագրությունից կարելի է եզրակացնել, որ պարսիկ որոշ ազնվականների ևս այդպիսի պատիվ էր մատուցվում։
  69. Բնագրում՝ ????։ Բառացի նշանակում է գայիսոն կրող, մականակիր։ Դեռևս չի պարզված պարսկական արքունիքում տրված այդ տիտղոսի բուն էությունը։
  70. Հունական պոլիսներում պետությանը հատակ ծառայություններ մատուցած աչքի ընկնող քաղաքացիներին համայնքը պարգևատրում էր պսակով։ Ոսկե պսակը համարվում էր բարձրագույն պարգև։ Ներկա դեպքում Կյուրոսը հելլեններին շահագրգռելու նպատակով խոստանում է հետևել հունական սովորությանը։
  71. Այս թվերը փոքր-ինչ տարբեր են իր իսկ Քսենոփոնի հաղորդած նախորդ թվերից (հմմտ. գիրք I, գլ. II, 9 և II, 25)։
  72. Քսենոփոնը իր «Կյուրոպեդիա» երկում (գիրք VI, գլ. 1, 30) պատմում է, թե սովորական ռազմակառքերը աոաջին անգամ Կյուրոս Մեծի ժամանակ վերածվեցին մանգաղակիր ոազմակառքերի։ Առանցքի վրա ռազմակառքի յուրաքանչյուր կողմից ամրացվում էին երկաթե մանգաղներ, մոտ մեկ մետր երկարությամբ։
  73. Այս թիվը պետք է չափազանցված համարել։ Պարսկական արքունիքի հույն բժիշկ, հետագայում պատմագիր Կտեսիասը (տես՝ Plutarch., Artaxerxcs, 13) Արտաքսերքսեսի զորքի թիվը համարում է 400 հազար։ Դիոդորոսի հաղորդման համաձայն, Կյուրոսի բանակում կար 70 հազար բարբարոս, որոնցից երեք հազարը հեծյալ, և 13 հազար հույն վարձկան, իսկ Արտաքսերքսեսի բանակում հաշվվում էր 400 հազար մարդ։ Վ․ Տարնը (W . W. Tarn, Cambridge Ancient History, vol. VI, էջ 7) այս թվերը ևս համարում է չափազանցված։ Նա ենթադրում է, որ երկու հակառակորդների բանակները թվով մոտավորապես իրար հավասար էին, բաղկացած շուրջ 30 հազար մարդուց, բայց Արտաքսերքսեսի վեց հազար հեծյալների դիմաց Կյուրոսն ուներ 2.500։ Այս հանգամանքն էլ վճռեց ճակատամարտի ելքը հօգուտ Արտաքսերքսեսի։
  74. Գրկաչափ (բնագրում՝ ὀργυια) — հունական երկարության չափ, որը հավասար է մոտավորապես 1,85 մետրի։
  75. Մեդական պարիսպը մանրամասն նկարագրել է Քսենոփոնը (գիրք II, գլ. IV, 12)։ Սահմանամերձ այս պաշտպանական գիծը կառուցել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր 2-րդ թագավորը (605—562 թթ․) այն վայրում, որտեղ Տիգրիս ու Եփրատ գետերը իրար ավելի են մոտենում, քան որևէ մի այլ կետում։ Կառուցման հիմնական նպատակը պաշտպանությունն էր մեդացիների դեմ։ Ամրության արևելյան վերջավորությունը հասնում էր մինչև Տիգրիս, որտեղ հետագայում կառուցվեց Սելևկիա խոշոր քաղաքը, իսկ արևմտյան ծայրը հասնում էր մինչև Սիննարա քաղաքը։ Կառույցի երկարությունը հասնում էր 30 կմ.։ Քսենոփոնի ժամանակ, հավանաբար, պարսպի այդ մասը ավերակ էր, քանի որ՝ 1) արքան ստիպված է եղել այստեղ խրամատ փորել և 2) Քսենոփոնը պարիսպը նկարագրում է ոչ թե այս հատվածում, այլ հաջորդ գլխում։
  76. «Անաբասիսի» հրատարակիչներից Դեմոլլը (Xenophontis Expuditio Cyri, recensuit Guilelmus Gemoll. Editio minor. Bibliotheca Tenbneriana, Lipsiac, 1910, կասկածում է փակագծերի մեջ առնված այս հատվածի հարազատությանը և այն համարում է հետագայի ընդմիջարկության։
  77. «Անաբասիս»-ի առաջին գրքի 8-րդ և 10-րդ գլուխները Կունաքսայում (Բաբելոնի մոտ) Արտաքսերքսեսի և Կյուրոսի միջև տեղի ունեցած վճռական ճակատամարտի նկարագրությունն է, որը աչքի է ընկնում բնականությամբ ու կենդանությամբ։ Դեռևս Պլուտարքոսը իր ժամանակ մեծ գովեստով է խոսել այդ մասին, բարձր գնահատելով Քսենոփոնի պատմելու կենդանի, տպավորիչ ոճը։ Վ. Վ. Տարնը, սակայն (Cambridge Ancient History, vol. VI, tg 7), գտնում է, որ Կունաքսայի ճակատամարտի նկարագրությունը Քսենոփոնի մոտ ճշմարտացի չէ։ Անգլիացի գիտնականը գերադասում է Դիոդորոսի շարադրանքը (Diodor., XIV, 23, 24), ըստ որի Կունաքսայի ճակատամարտի ելքը վճռեց Արտաքսերքսեսի մեծաթիվ հեծելազորը, որ Տիսսափեռնեսը նետեց Կյուրոսի զորաբանակում Կլեարքոսի ջոկատի նահանջի հետևանքով առաջացած ճեղքվածքը։
  78. Հունական զորքը, որպես մի ամբողջություն, կազմում էր Կյուրոսի ողջ բանակի աջ թևը։ Կենտրոնն ու ձախ թևը կազմում էին պարսկական զորամասերը։ Ուստի և Կլեարքոսն ու Մենոնը կազմում էին, համապատասխանաբար, սոսկ հունական զորքերի աջ ու ձախ թևերը։
  79. Արիայոս — Կյուրոսի ընկերը և զինակիցը և նրա պարսկական զորամասերի հրամանատարը։ Սկզբնական շրջանում, Կունաքսայի ճակատամարտից անմիջապես հետո, հունական զորամասերի հետ լավ հարաբերություններ էր պահպանում։ Բայց Արտաքսերքսեսից ապահովության խոստումներ ստանալուց հետո նա երես թեքեց հելլեններից և մասնակցեց հելլեն հրամանատարների գերեվարման ու ոչնչացման գործին, որը կատարվել էր Տիսսափեռնեսի հրամանով։ Սատրապ նշանակվելուց հետո արքայի հրամանով 395 թ. Արիայոսը ձերբակալեց ու սպանեց Տիսսափեռնեսին։ Հետագայում, 394 թ., ըստ երևույթին նա մասնակցեց արքայից արքայի դեմ բռնկված ապստամբությանը (Xenoph., Hellen , FV, 1, 27)։
  80. Փակագծերում առնված այս հատվածը ևս Գեմոլլը համարում է հետագայի ընդմիջարկություն։
  81. Զորքի քառակուսի դասավորումը ստացվում էր հետնյալ կերպ. առաջամասը և հետնամասը կազմում էին ֆալանգներ՝ ջոկատներ, իսկ կողքերը՝ միաշար զորասյուներ։ Մեջտեղում, զորքի պաշտպանության տակ տեղավորվում էին թեթևազենները և գումակը։
  82. Այստեղ բարբարոսական է կոչված արքայից արքայի պարսկական զորքը։
  83. Խոսքը վերաբերում է իրեն՝ հեղինակին։ Նա ամեն անգամ իր մասին խոսամ է երրորդ դեմքով։
  84. Հին հույների կրոնական հավատալիքների մեջ հատուկ նշանակություն էր ստացել բնության տարբեր երևույթների և նշանների հիման վրա գուշակելու արվեստը։ Այդ մասին առաջին տեղեկությունները հաղորդում է դեռևս Հոմերոսը։ Հույները կարծում էին, թե այդ նշաններն ուղարկվում են աստվածների կողմից, կյանքում մարդկանց առաջնորդելու համար։ Գուշակում էին հիմնականում հավքերի թռիչքի կամ ճիչերի համաձայն, զոհաբերված անասունների փորոտիքի վրա, ինչպես նաև երազների բացատրությամբ։ Գուշակության էին դիմում գլխավորապես այն դեպքերում, երբ ծրագրում էին կարևոր գործողություններ կատարել։ Որպես կանոն, երբեք պատերազմ չէին ձեռնարկում առանց այդպիսի զոհաբերությունների ու գուշակությունների։ Ինքը, Քսենոփոնը, դառնալով զորքերի հրամանատար, պարծանքով շեշտում էր, թե ոչինչ չէր ձեռնարկում առանց աստվածների կամքն իմանալու։ Զոհաբերված անասունների փորոտիքի վրա գուշակություն անելը համարվում էր բարդ գործ, որի համար անհրաժեշտ էր ունենալ որոշակի գիտելիքներ։ Կյուրոսի բանակում կային գուշակությամբ զբաղվող մի քանի մարդ։ Զոհաբերությունը անհաջող լինելու դեպքում, սովորաբար այն կրկնում էին մինչև բարենպաստ նշաններ ստանալը։
  85. Զևս-Փրկչի պաշտամունքը լայն տարածում ուներ Հունաստանում։ Հույները կռվից առաջ հաճախ էին դիմում Զևս-Փրկչին։
  86. Սկզբնապես պեան էր կոչվում խմբերգի մի տեսակը, որը կապված էր Ապոլլոնի պաշտամունքի հետ։ Արդեն «Իլիական»-ում այդպիսի պեան երգվում է, ուղղված Ապոլլոնին, որպեսզի սա վերացնի իր իսկ ուղարկած ժանտախտը։ Պեան երգում են նաև Հեկտորի սպանությունից հետո, որպես հաղթանակի խորհրդանիշ։ Հետագայում պեանը երգում էին ճակատամարտից հետո, որպես հաղթության երգ, կամ, դրանից աոաջ, որպես ռազմերգ։
  87. Էնիալիոս ― ռազմի աստված Արեսի մականուններից մեկը։
  88. Պարսկական հետևակը չուներ պաշտպանական զենք, բացի թեթև կաշվե վահանից։ Այդ իսկ պատճառով նա ի վիճակի չէր ձեռնամարտ մղելու ծանրազեն հոպլիտների դեմ։
  89. Քսենոփոնը իր «Կյուրոպեդիա» գրքի վերջում (VIII, 8, 24), խոսելով Պարսկաստանում ռազմական գործի անկման մասին, նշում է, որ մանգաղակիր ռազմակառքերը թեև մասնակցում էին մարտերին, բայց կորցրել էին իրենց նշանակությունը, քանի որ կառապանները, մինչև թշնամու հետ ընդհարվելը, կամ ընկնում են կառքից, կամ իրենք են ցած թռչում, և կառքերը մնալով առանց կառավարի, հաճախ ավելի մեծ վնաս են հասցնում յուրայիններին, քան թշնամուն։
  90. Պարսից արքայի սեղանակիցներ (հունարեն՝ ????) էին կոչվում այն պաշտոնատար անձինք և պալատականները, որոնք օրական մեկ անգամ ճաշում էին պալատում արքայի հաշվին։ Սովորական օրերին նրանք ճաշում էին արքայից անջատ, իսկ տոներին և հանդիսավոր դեպքերին արքան նրանց հետ ճաշում էր նույն սեղանին։ Սատրապ Կյուրոսն այս հարցում ևս ընդօրինակել էր արքունիքի սովորությունները։
  91. Կտեսիաս — հույն պատմիչ, որը 415 թ․ գերի էր ընկել պարսիկների ձեռքը և արքայից արքայի կողմից մեծ պատիվների արժանանալով 17 տարի մնացել էր պարսկական արքունիքում որպես բժիշկ։ Նա հեղինակել է Արևելքի երկրների պատմաթյունը՝ «????» (Պարսկականք) վերնագրով, որը բաղկացած է եղել 23 գրքից։ Հետագայում Պլուտարքոսը Արտաքսերքսեսի կենսագրությունը շարադրելիս մեծապես օգտվել է Կտեսիասի աշխատությունից։ Ինչպես երևում է «Անաբասիս»-ի տվյալ հատվածից, Քսենոփոնը ևս օգտվել է Կտեսիասից։ Կտեսիսաի աշխատության առաջին վեց գիրքը վերաբերել է Ասորեստանի և հնագույն ժամանակների Պարսկաստանի պատմությանը, մինչդեռ հաջորդ գրքերի բովանդակությունը կազմել է Պարսկաստանի հետագա շրջանի պատմությունը, մինչև 393 թ.։ Հատկանշական է, որ Կտեսիասը հաճախ է մեղադրում Հերոդոտոսին որպես ստապատում հեղինակի, թեև ինքը շատ հաճախ էապես շեղվում է ճշմարտությունից։ Կտեսիասը գրել է նաև աշխատություն Հնդկաստանի հրաշքների մասին։ Կտեսիասի գործերից քաղվածքներ մնացել են Բյուզանդիայի պատրիարք Փոտի երկերում։
  92. Այս գլուխը ամբողջությամբ տալիս է Կյուրոսի բնութագիրը։ Պարսկական գահի պատանի հավակնորդի անձնավորությունը (նա սպանվեց 22 տարեկան հասակում) մեծ տպավորության էր գործել Քսենոփոնի վրա, որն իր նկարագրությամբ ընթերցողի համակրանքն է շարժում Կյուրոսի հանդեպ։ Կյուրոսն, անկասկած, պարսկական արտակարգ գործիչներից մեկն էր, օժտված մեծ եռանդով, լայն մտահորիզոնով, անձնական արիությամբ և մարդկանց առինքնելու կարողությամբ։ Նա սիրում էր հունական մշակույթը և տիրապետում հունարենին։ Քսենոփոնը, սակայն, իդեալականացնելով իր հերոսին, լռության է մատնել նրա այնպիսի բացասական գծերը, ինչպիսիք էին նրա փառասիրությունը, մեծամտությունը, դաժանությունը (Կյուրոսը սպանել է իր երկու եղբայրներին)։ Քսենոփոնի ստեղծած Կյուրոսի կերպարի մեջ խտացվել են պարսիկների պատկերացրած իդեալական տիրակալի դրական գծերը, գծեր, որոնք մասամբ հավանում էր նաև Քսենոփոնը։ Կարելի է համարձակորեն ասել, որ Կյուրոսը նույնքան գրական կերպար է, ինչքան և պատմական անձնավորություն։ «Կյուրոպեդիա»-ն շարադրելիս, Քսենոփոնը հետևողականորեն զարգացրեց իր տեսակետները պետության օրինակելի ղեկավարի մասին, դրանք վերագրելով Կյուրոս Մեծին։ «Կյուրոպեդիա»-ն ընթերցելիս դժվար չէ նկատել, որ Կյուրոս Մեծին վերագրվում են բնավորության մի շարք գծեր, որոնք հատուկ էին Կյուրոս Կրտսերին։
  93. Պարսիկ ազնվականության երեխաների դաստիարակության մասին Քսենոփոնը հանգամանորեն խոսում է իր «Կյուրոպեդիա» երկում։ Քսենոփոնի հադորդած որոշ տվյալներից կարելի է ենթադրել, որ իր ժամանակ մարա-պարսկական արքունիքում դաստիարակվել է նաև արմենների թագավորի որդի Տիգրանը և այնտեղ դարձել Կյուրոսի որսակիցը (Cyrop, III, I, 7)։
  94. Որսը պարսկական ավագանու ոչ միայն սիրած ժամանցն էր, այլև, համարվում էր ռազմական արվեստը սովորելու և խիզախություն ձեռք բերելու լավագույն միջոց։ Որսի ժամանակ պարսիկ ազնվականության պատանիները իրար միջև մրցություններ էին կազմակերպում։
  95. Հին աշխարհում բնահարկի մի ձևն էլ ընծաներ մատուցելն էր։ Արքայից արքային և պարսկական բարձր ավագանուն ընծաներ մատուցելը պարտադիր էր բոլոր նրանց համար, ովքեր անմիջականորեն շփման մեջ էին մտնում նրանց հետ։ Պարսկական տերության հզորներին ընծաներ էին մատուցում նաև նրանց գերիշխանության տակ գտնվող քաղաքներն ու երկրները։ Մ.թ.ա. 4-րդ դարի հույն մատենագիր Թեոպոմպոսը պատմում է. «Պարսկական տերության մեջ եղած բնության բոլոր բարիքները և արհեստային արտադրանքը արքային է ուղարկվում ընծաների ձևով. գորգեր, զգեստներ, վրաններ, շքեղ կահույք, ոսկե և արծաթե սպասներ, անհամար զենք և, բացի այդ, բեռնակիր ու մսացու անասուններ, ինչպես նաև համեմունք, մետաքս, գործվածքներ և այն ամենը, ինչ կարելի է որևէ կերպ օգտագործել» (F. Jacoby, Die Fragmente der griechischen Historiker, B. II, Berlin, 1927, S. 526—617, Frag. 125)։
  96. Բնագրում՝ ????, որը նշանակում է ստրուկ, ծառա։ Պարսից տերության մեջ արքայից արքայի բոլոր հպատակները, նույնիսկ ամենաբարձր աստիճան ազնվականները, համարվում էին նրա ծառաները։ Հայկական սկզբնաղբյուրներում ևս (Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի) մինչև իսկ հայոց հզորագույն նախարարները համարվում էին հայոց թագավորի ծառաներ։
  97. Փոկայուհի այս հարճի անունը եղել է Միլտո։ Պլուտարքոսի վկայությամբ (Plutarch PerieL, 26—28), Կյուրոսը նրան անվանում էր Ասպասիա, Պերիկլեսի հայտնի սիրուհու անունով; Այնուհետև նա դարձավ իրեն գերեվարած Արտաքսերքսեսի հարճը։
  98. Արքայից արքայի այս զինանշանը հիշատակված է նաև Քսենոփոնի «Կյուրոպեդիա» երկում«ոսկե արծիվ նիզակի ծայրին պարզած» (Cyrop., VII, 1,4)։