|աղբյուր = [[«Դեկամերոն»]]
}}
[[Կատեգորիա։ԱրձակԿատեգորիա:Արձակ]]
{{անավարտ}}
==='''ՆՈՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ'''===
''Հրեա Աբրահամը, Ջիանոտո դի Չիվինիի հորդորանքից մղված, գնում է Հռոմի արքունիքը և այնտեղ տեսնելով եկեղեցու սպասավորների ապականված բարքերը՝ վերադառնում է Փարիզ, որտեղ և քրիստոնյա է դառնում''
Պամֆիլոյի նովելը, որ մերթ ընդ մերթ աղջիկների ծիծաղն էր շարժում, ընդհանուր առմամբ հավանության արժանացավ։ Նովելը լսվեց ուշադրությամբ և երբ ավարտվեց, թագուհին հրամայեց Նիեֆիլային, որը նստած էր Պամֆիլոյի կողքին, պատմել իր նովելը ևս՝ հետևելով զվարճության համար սահմանված կարգին։ Նիեֆիլան, որն իր վարվեցողության հաճելիությամբ աչքի էր ընկնում նույնքան, որքան և գեղեցկությամբ, ուրախ-ուրախ պատասխանեց, թե կպատմի սիրով և սկսեց այսպես․
—Պամֆիլոն իր պատմությամբ մեզ ցույց տվեց, ու Աստծո բարեգթությունն անտես է առնում մոլորությունները, եթե դրանք ծագում են այնպիսի պատճառներից, որոնք վրիպում են մեր գիտությունից․ իսկ ես ցանկանում եմ իմ պատմությամբ ցույց տալ, որ այդ բարեգթությունը,— հանդուրժելով թերություններն այն անձանց, որ պարտավոր էին իրենց խոսքով ու գործով այդ բանը վկայել ճշմարտապես, սակայն անում են ընդհակառակը,— դրանով իսկ տալիս է ապացույցն իր անխախտելիության, որպեսզի մենք հոգու առավել կայունությամբ հետևած լինենք այն ամենին, ինչին հավատում ենք։
Ինձ պատմել են, սիրելի դամաներ, որ Փարիզում ապրում էր Ջիանոտո դի Չիվինի անունով մի հարուստ վաճառական ու լավ մարդ, որը մահուդի մեծ առևտուր էր անում։ Նա շատ մտերիմ էր Աբրահամ անունով մի մեծահարուստ հրեայի հետ, որ նույնպես վաճառական էր և շատ ազնիվ ու պարզասիրտ մարդ։ Գիտենալով նրա ազնվությունն ու պարզասրտությունը՝ Ջիանոտոն շատ էր ցավում, որ այդ արժանավոր, խելոք ու լավ մարդու հոգին, նրա հավատի արատավորության պատճառով, պետք է դժոխապարտ լինի։ Այդ պատճառով էլ նա սկսեց նրան բարեկամաբար խնդրել, որ թողնի հրեական հավատի մոլորությունները և դառնա քրիստոնեական ճշմարիտ հավատին, որը, ինչպես կարող էր նա տեսնել, լինելով սուրբ ու կատարյալ, շարունակ ծաղկում ու տարածվում է, այնինչ ընդհակառակը՝ նրա կրոնը նվազում է և ամայության մատնվում, մի բան, որի ճշմարտությանը նա ինքն էլ կարող է համոզվել։ Հրեան պատասխանեց, թե ինքը չգիտե առավել կատարյալ ու սուրբ կրոն, քան հրեականը և որ ինքը ծնվել է այդ կրոնով, դրանով էլ մտադիր է ապրել ու մեռնել, և ոչ մի բան չի կարող նրան շեղել այդ մտադրությունից։ Սակայն դա ետ չկանգնեցրեց Ջիանոտոյին, և մի քանի օր անց նա վերստին նրան դիմեց նույնպիսի խոսքերով՝ նրան ապացուցելով, ինչպես այդ կարողանում են անել վաճառականները, թե ինչու է մեր կրոնը հրեականից լավ։ Թեև հրեան քաջ գիտակ էր հրեական օրենքին, այնուհանդերձ,— գուցե Ջիանոտոյի նկատմամբ տածած մեծ բարեկամությունից մղված, կամ գուցե նրա վրա ազդել էին այն խոսքերը, ու սուրբ հոգին դրել էր այդ հասարակ մարդու բերանը,— նրան սկսեցին շատ դուր գալ Ջիանոտոյի փաստարկները, թեպետև, շարունակել համառել իր հավատի մեջ՝ թույլ չէր տալիս իրեն դարձի բերել։ Որքան նա համառում էր, այնքնան Ջիանոտոն չէր դադարում նրան համոզելուց, մինչև որ վերջապես հրեան, այդ հաստատակամությունից ազդվելով, ասաց․— «Լավ, Ջիանոտո, դու ցանկանում ես, որ ես քրիստոնյա դառնամ, ես ինքս էլ պատրաստ եմ այդ անելու, սակայն պայմանով, որ նախ և առաջ ուղևորվեմ Հռոմ, որպեսզի այնտեղ կարողանամ տեսնել այն մարդուն, որին դու անվանում ես Աստծո փոխանորդը երկրի վրա, կարողանամ տեսնել նրա վարքն ու բարքը և ապրելաձևը, ինչպես նաև նրա կարդինալ եղբայրներին։ Եթե նրանք իմ աչքին երևան այնպես, որ նայելով նրանց և քո խոսքերին՝ ես համոզվեմ իմ հավատի նկատմամբ քոնի ունեցած առավելությանը, ինչպես որ դու աշխատում էիր ապացուցել, ապա կվարվեմ այնպես, ինչպես ասացի քեզ․ իսկ եթե ոչ՝ առաջվա պես կմնամ հրեա»։
Լսելով այդ՝ Ջիանոտոն չափազանց վշտացավ և իր մտքում ասաց․ «Զու՜ր կորան իմ ջանքերը, մինչդեռ ցանկանում էի օգտավետ կերպով գործադրել՝ կարծելով, թե արդեն դարձի եմ բերել նրան։ Հիրավի, եթե նա գնա Հռոմի պապի արքունիքը և տեսնի հոգևորականության պիղծ ու արատավոր կյանքը, ապա ոչ միայն հրեայից քրիստոնյա չի դառնա, այլև եթե քրիստոնյա դարձած լիներ, անշուշտ նորից հրեական հավատին կդառնար»։ Ապա դառնալով Աբրահամին՝ Ջիանոտոն ասաց․ «Բարեկա՛մս, ինչու՛ ես ուզում քեզ պատճառել այդպիսի նեղություն և ընկնել այնպիսի մեծ ծախսերի տակ, որ կապված են Հռոմ ուղևորվելու հետ։ Էլ չխոսենք այն մասին, որ քեզ նման հարուստ մարդու համար ամեն մի ճամփորդություն, ծովով լինի, թե ցամաքով, լի է վտանգներով։ Չլինի՞ թե մտածում ես, որ այստեղ չի գտնվի որևէ մեկը, որ կարողանար մկրտել քեզ։ Եթե դու տարակուսանքներ ունես այն հավատի նկատմամբ, որը ես քեզ բացատրեցի, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ պիտի գտնես մեծ գիտուններ և առավել իմաստուն մարդիկ, որոնք քեզ կմեկնեն այն ամենը, ինչ որ ցանկանաս կամ հարցնելու լինես։ Ահա թե ինչու իմ կարծիքով այդ ճանապարհորդությունն ավելորդ է։ Գիտցի՛ր, որ այնտեղ էլ բարձրաստիճան հոգևորականները ճիշտ այնպես են, ինչպիսիք դու կարող ես տեսնել նաև այստեղ, և նույնիսկ ավելի լավն են, քանզի ավելի մոտ են գերագույն հովվապետին։ Ուստի հետևելով իմ խորհրդին՝ այդ նեղությունը պահիր մի ուրիշ անգամի՝ դեպի սուրբ վայրերը կատարելիք որևէ այցելության համար․ այն ժամանակ թերևս ես ինքս էլ լինեմ քեզ ուղեկից»։ Հրեան պատասխանեց․ «Ես հավատում եմ, Ջիանոտո, որ քո ասածը ճիշտ է, բայց եթե ասելու լինեմ միով բանիվ, ապա կասեմ քեզ (եթե դու ցանկանում ես, որ ես անեմ այն, ինչ այնպես խնդրում էիր), որ ես վերջնականապես որոշել եմ գնալ․ այլապես ոչինչ չեմ անի»։ Տեսնելով նրա վճռականությունը՝ Ջիանոտոն ասաց․ «Գնա՛, Տեր ընդ քեզ», և միևնույն ժամանակ միտք արեց, որ եթե հրեան տեսնի Հռոմի արքունիքը, երբեք քրիստոնյա չի դառնա։ Այդպես էլ նա ճարահատյալ վերջ տվեց իր հորդորներին։
Հրեան ձի հեծավ և հապշտապ ճանապարհ ընկավ դեպի Հռոմի պապի արքունիքը։ Հասնելով տեղ՝ նա պատվով ընդունվեց իր հավատակից հրեաների կողմից և ապրեց այնտեղ՝ ոչ ոքի ոչ մի խոսք չասելով իր ճանապարհորդության նպատակի մասին՝ զննահայաց դիտելով պապի, կարդինալների և մյուս բարձրաստիճան հոգևորականների ու բոլոր պալատականների նիստն ու կացը։ Այն ամենից, ինչ տեսավ անձամբ, ինչպես նաև ուրիշների ասածից, նա, լինելով շրջահայաց մարդ, եզրակացրեց, որ նրանք բոլորն էլ ողբալիորեն մեղանչում են հեշտասիրությամբ, ոչ միայն բնական, այլև սոդոմական ձևով՝ չզգալով ո՛չ խղճի խայթ, ո՛չ էլ ամոթ, որի հետևանքով նրանց ողորմածությունը շահելու գործում փոքր չէր անառակ կանանց և մանչերի ազդեցությունը։ Նաև տեսավ պարզորոշ, որ նրանք բոլորն էլ որկրամոլներ էին, հարբեցողներ, անասնակերպ արարածներ, որ ծառայում էին ոչ միայն իրենց վավաշոտ ցանկություններին, այլև որովայնին և ավելի, քամ որևէ այլ բանի։ Դիտելով մոտիկից՝ նա համոզվեց, որ նրանք բոլորն էլ այնքան ընչաքաղց էին և արծաթասեր, որ վաճառում և գնում էին մարդկային, նույնիսկ քրիստոնեական արյունը և ամենայն աստվածային բան, որ վերաբերում էր խորհուրդների կատարմանը կամ եկեղեցական պաշտոններին։ Այդ աստվածային բաներով նրանք ավելի շատ էին առևտուր անում, և դրա համար վելի շատ միջոցներ կային, քան Փարիզում՝ մահուդեղենի կամ որևէ այլ բանի առևտրի մեջ։ Բացահայտ սիմոնականությանը նրանք տվել էին հովանավորություն անունը, որկրամոլությունն անվանում էին կազդուրումն, կարծես թե Աստծուն հայտնի չէ հիշյալ բառերի իմաստը, ինչպես նաև այդ անառակ մարդկանց մտադրությունները, և կարծես թե Նրան էլ կարելի է խաբել այդ բաների անուններով, ինչպես մարդկանց։ Այդ ամենը ուրիշ շատ բաների հետ միասին դուր չեկավ հրեային, որը չափավոր ու պարկեշտ մարդ էր, ուստի գտնելով, որ բավականաչափ տեսավ ու դիտեց, նա որոշեց վերադառնալ Փարիզ և այդպես էլ արեց։
Հենց որ Ջիանոտոն լուր առավ, որ նա եկել է, շտապեց նրա մոտ՝ ամենից քիչ այն մասին մտածելով, թե նա կարող էր քրիստոնյա դառնալ։ Նրանք ուրախ-ուրախ ողջունեցին միմյանց, իսկ երբ հրեան մի քանի օր հանգստացավ, Ջիանոտոն նրան հարցրեց, թե ինչ կարծիքի է նա սուրբ հոր, կարդինալների և մյուս պալատականների մասին։ Հրեան իսկույն պատասխանեց․ «Վատ կարծիք ունեմ, թող Աստված նրանց գլխին թափի ամենայն չարիք։ Այդ ասելուս պատճառն այն է, որ եթե ճիշտ են իմ դիտողությունները, ես այնտեղ ոչ մի հոգևորականի մոտ չտեսա ո՛չ սրբություն, ո՛չ բարեպաշտություն, ո՛չ բարի գործեր, ո՛չ ապրելու լավ օրինակ կամ որևէ այլ բան, իսկ հեշտասիրությունը, որկրամոլությունը, ընչաքաղցությունը, խաբեությունը, նախանձամտությունը, գոռոզամտությունը և նմանօրինակ վատթար մոլությունները (եթե միայն կարող է ավելի վատթարը լինել) այնքան հարգի էին բոլորի համար, որ Հռոմը ինձ թվաց ավելի շուտ սատանայական, քան աստվածային գործերի մի վայր։ Որքան հասկանում եմ ես, ձեր հովվապետը, հետևապես նաև մնացած բոլորը, ամենայն ջանացողությամբ, հնարագիտությամբ և խորամանկությամբ աշխատում են ի չիք դարձնել և աշխարհից հալածել քրիստոնեական կրոնը, մինչդեռ պարտավոր էին լինել նրա հիմքն ու նեցուկը։ Եվ քանի որ ես տեսնում եմ, որ արդյունքն այն չէ, որին ձգտում են նրանք, այլ որ ձեր կրոնը անդադրում տարածվում է՝ շարունակ հանդես գալով ավելի ու ավելի մեծ փայլով ու փառքով, ապա ինձ համար պարզ է դառնում, որ այդ կրոնի հիմքն ու նեցուկն է սուրբ հոգին, մի կրոն, որ առավել ճշմարիտ է ու սուրբ, քան մի ուրիշը։ Եվ դրա համար էլ ես, որ համառորեն հակառակում էի քո հորդորանքներին և չէի ցանկանում քրիստոնյա դառնալ, այժմ ասում եմ անկեղծորեն, որ ոչինչ չի կարող ինձ ետ կանգնեցնել քրիստոնեությունն ընդունելու մտադրությունից։ Ուրեմն գնանք եկեղեցի, և այնտեղ, գետևելով ձեր սուրբ հավատի ծեսերին, մկրտիր ինձ»։ Ջիանոտոն, որ բոլորովին հակառակ լուծում էր սպասում, լսելով այս խոսքերը, գոհ եղավ, ինչպես երբեք։ Նրա հետ միասին գնալով Փարիզի Աստվածամոր տաճարը՝ նա այնտեղի հոգևորականներին խնդրեց մկրտել Աբրահամին, և նրանք իսկույն կատարեցին նրա պահանջը։ Ջիանոտոն դարձավ նրա կնքահայրը և կնքեց նրան Ջիովաննի անունով։ Այնուհետև նա գիտակ մարդկանց հանձնարարեց հրեային լիովին մեր հավատին բերել, որի օրենքները նա յուրացրեց շուտով և ապա եղավ բարի, արժանավոր և սրբակյաց մարդ։
==='''ՆՈՎԵԼ ԵՐՐՈՐԴ'''===
''Հրեա Մելքիսեդեկը, երեք մատանիների պատմությունն անելով, խուսափում է մի մեծ վտանգից, որ նրա դեմ նյութել էր Սալադինը''
Երբ Նիեֆիլան լռեց, ավարտելով իր նովելը, որն ընդհանուր գովեստի արժանացավ, թագուհու բարեհաճությամբ Ֆիլոմենան այսպես սկսեց պատմել․
—Նիեֆիլայի նովելն ինձ հիշեցրեց մի հրեայի հետ պատահած վտանգավոր մի դեպք։ Եվ քանի որ Աստծո և մեր հավատի ճշմարիտ լինելու մասին արդեն հիանալի խոսվեց և անպարկեշտ չի համարվի, որ այժմ դառնայինք մարդկանց գործերին և նրանց վերաբերող դեպքերին, ես ձեզ կպատմեմ մի նովել, որը լսելուց հետո դուք կսկսեք առավել զգույշ պատասխաններ տալ այն հարցերին, որոնք կարող էին ուղղված լինել ձեզ։ Դուք պետք է իմանաք, ո՛վ իմ սիրելի դամաներ, որ ինչպես հիմարությունը հաճախ երջանիկ վիճակից մարդուն սոսկալի թշվառության է հասցնում, այնպես էլ խելամտությունը իմաստունին փրկում է մեծամեծ վտանգներից և ընծայում նրան երկարատև ու անվտանգ հանգստություն։ Որ անմտությունը բարեկեցիկ վիճակից թշվառության է հասցնում, ճշմարիտ է․ դրա մասին մտադիր չենք պատմել այժմ՝ նկատի ունենալով, որ ամենայն օր հազարավոր այդպիսի օրինակների ենք հանդիպում։ Իսկ որ խոհեմությունը մխիթարություն է ընծայում մարդուն, ես այդ, համաձայն իմ խոստման, կապացուցեմ մի կարճ պատմությամբ։
Սալադինը, որի արիությունը ոչ միայն նրան աննշան մարդուց Բաբելոնի սուլթան դարձրեց, այլև հնարավորություն տվեց շատ հաղթանակներ տանելու սարակինոս և քրիստոնյա թագավորների դեմ, զանազան պատերազմների մեջ մեծամեծ ծախսեր կատարելով, վատնեց իր գանձը, և քանի որ պատահական հանգամանքի բերումով նա մի մեծ գումարի կարիք զգաց և տարակուսում էր, թե որտեղից պիտի ձեռք բերեր այդ գումարը, որ այնպես անհրաժեշտ էր իրեն, ապա հանկարծ հիշեց Մելքիսեդեկ անունով մի հրեայի, որը Ալեքսանդրիայում վաշխով փող էր տալիս։ Մտածեց, որ սա կարող է օգնել իրեն, եթե միայն ցանկանա, բայց հրեան ժլատ էր, ինքնակամ ոչինչ չէր անի նրա համար։ Սալադինն էլ չէր ցանկանում բռնության դիմել։ Անրաժեշտությունից մղված, ամբողջովին տարված այն մտքով,թե ինչ հնար գտնի, որպեսզի հրեան օգնած լինի իրեն, նա մտածեց նրա նկատմամբ դիմել այնպիսի բռնության, որ որոշ չափով սիրալիրության նմաներ։ Կանչելով հրեային և ընդունելով մտերմաբար՝ նա նրան նստեցրեց մտերմաբար և ապա ասաց․ «Ո՛վ պատվարժան այնր, շատ շատերից լսել եմ, որ դու շատ գիտուն և խելահաս ես աստվածային գործերի մեջ, ուստի սիրով կցանկանայի քեզնից իմանալ, թե դու երեք կրոններից որն ես համարում ճշմարիտ՝ հրեականը, սարակինոսականը, թե քրիստոնեականը»։ Հրեան, որ իսկապես իմաստուն մարդ էր, իսկույն հասկացավ, որ Սալադինը հնար է որոնում խոսքի մեջ նրան որևէ կերպ բռնելու համար, որպեսզի կպչի և այլևս պոկ չգա, և մտածեց, որ ինքն այդ կրոններից ոչ մեկին առավելություն չպիտի տա, որպեսզի Սալադինն այնուամենայնիվ չհասնի իր նպատակին։ Եվ քանի որ նրան անհրաժեշտ էր այնպիսի պատասխան տալ, որ չբռնվեր, նա սրեց իր միտքը, անմիջապես գտավ տալիք պատասխանն ու ասաց․ «Տե՛ր իմ, այն հարցը, որ դուք ուղղեցիք ինձ, շատ գեղեցիկ է, և որպեսզի ես կարողանամ բացատրած լինել, թե ինչ եմ մտածում այդ մասին, ձեզ կպատմեմ մի փոքրիկ պատմություն, որից կհասկանաք իմ միտքը։ Եթե չեմ սխալվում, (իսկ ես, հիշում եմ, այդ մասին հաճախ եմ լսել) ժամանակով ապրում էի մեծանուն ու հարուստ մի մարդ, որն իր գանփարանում ի թիվս այլևայլ թանկարժեք իրերի, ուներ մի շատ հրաշալի և թանկագին մատանի։ Ցանկանալով այդ մատանին մեծարած լինել նրա հրաշալի հատկության և գեղեցկության համար ու շարունակաբար իր հետնորդներին փոխանցել՝ նա կարգադրեց, որ իր որդիներից ում մոտ որ գտնվելու լինի իր տված մատանին, հենց նա էլ ճանաչվի ընտանիքի մեծավոր։ Մատանին ստացողն էլ իր հերթին իր հետնորդների նկատմամբ անում էր նույն կարգադրությունը՝ վարվելով ճիշտ այնպես, ինչպես իր նախորդը։ Շատ չանցած՝ այդ մատանին բազում ժառանգների ձեռք անցավ և վերջապես ընկավ մի մարդու ձեռք, որն ուներ երեք գեղատեսիլ ու քաջարի, իրենց հորը կատարելապես հնազանդ որդիներ, որոնց երեքին էլ ծերունին սիրում էր հավասար սիրով։ Երիտասարդները գիտեին մատանու հետ կապված սովորությունը, և նրանցից յուրաքանչյուրը, ցանկանալով ավելի հարգված լինել մյուսներից, ամենայն ճարտարությամբ աղերսում էր ծերացած հորը, որ նամեռնելիս մատանին իրեն թողներ։ Այդ պատվական մարդը, որ նրանց բոլորին սիրում էր հավասարապես և ինքն էլ չգիտեր, թե որին կտակի մատանին, որ խոստացել էր նրանցից յուրաքանչյուրին, մտածեց բավարարել երեքին էլ։ Եվ նա, նրանցից գաղտնի, մի հմուտ վարպետի պատվիրեց երկու ուրիշ մատանիներ, այնքան նման առաջինին, որ անգամ ինքը, որ պատվիրել էր այդ մատանիները, հազիվ էր զանազանում, թե որն է իսկականը։ Մեռնելուց առաջ նա յուրաքանչյուր որդուն, մյուսներից ծածուկ, մռկական մատանի տվեց։ Իրենց հոր մահից հետո որդիներից յուրաքանչյուրը ժառանգություն ստանալու և մյուսներից մեծարվելու պահանջ ներկայացրեց, և երբ նրանցից մեկը ժխտում էր մյուսի իրավունքը, յուրաքանչյուրը մեջտեղ հանեց իր մատանին՝ ի վկայություն այն բանի, որ ինքն իրավացի է։ Երբ բոլոր մատանիները այնքան նման դուրս եկան, որ անհնար էր որոշել իսկականը, ապա այն հարցը, թե իսկապես որդիներից որն է ժառանգը, մնաց առկախ և առկախ է մինչև հիմա էլ։ Ես նույնը կասեմ, տե՛ր իմ, նաև այն երեք կրոնների մասին, որ հայր Աստվածը տվել է երեք ժողովուրդներին և որոնց մասին ձեր հարցումն արեցիք։ Յուրաքանչյուր ժողովուրդ կարծում է, թե իրեն է հասել այն ժառանգությունը և այն ճշմարիտ կրոնը, որի պատվիրանները նա պահում է և կատարում, բայց թե նրանցից ո՞րն է տիրացել այդ ժառանգությանը, դա ճիշտ և ճիշտ այնպիսի հարց է, ինչպես երեք մատանիների հարցը»։ Սալադինտ տեսավ, որ հրեան վարպետորեն դուրս պրծավ այն որոգայթից, որ լարել էր ինքը, ուստի և որոշեց հայտնել նրան իր կարիքը և իմանալ՝ չի ցանկանա արդյոք կատարել իր ցանկությունը։ Այդպես էլ արեց՝ հայտնելով նրան, թե ինչ էր մտադրվել անել նրա նկատմամբ, եթե նա այդքան խելացի պատասխան չտար։ Հրեան սիրով կատարեց Սալադինի ցանկությունը՝ տալով պահանջված գումարը, իսկ Սալադինը հետագայում լիովին վերադարձրեց դրամը և դրանից բացի հրեային մեծամեծ ընծաներ տվեց ու նրա հետ շարունակ մտերմություն էր պահպանում՝ նրա համար իր արքունիքում երևելի և պատվավոր դիրք ստեղծելով։
==='''ՆՈՎԵԼ ՉՈՐՐՈՐԴ'''===
''Մի վանական, ծանր պատժի արժանի մեղքի մեջ ընկնելով, հնարամտորեն նույն մեղքի մեջ բռնում է իր վանահորը և ազատվում պատժից''
Ֆիլոմենան, ավարտելով իր պատմությունը, արդեն լռել էր, երբ նրա կողքին նստած Դիոնեոն, թագուհու հատուկ հրամանին չսպասելով, որովհետև գիտեր, որ ըստ սահմանյալ կարգի՝ խոսելու հերթն իրենն է, սկսեց այսպես խոսել․— Սիրելի՛ դամաներ, եթե ես ճիշտ եմ հասկացել մեր ընդհանուր մտադրությունը, ապա մեր այստեղ ժողովվելու նպատակն է պատմություններ անելով զվարճացնել միմյանց։ Ուստի ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին,— եթե միայն նան այդ կանոնին դեմ չգնա,— թույլատրված է (իսկ որ դա այդպես է, քիչ առաջ ասաց ինքը՝ թագուհին) պատմել այնպիսի նովել, որը իր կարծիքով կպատճառի առավել բավականություն։ Մենք լսեցինք, թե ինչպես Ջիանոտո դի Չիվինիի բարի խորհուրդների շնորհիվ Աբրահամը փրկեց իր հոգին, թե ինչպես Մելքիսեդեկը հնարամտությամբ իր հարստությունը պաշտպանեց Սալադինի որոգայթից․ այդ պատճառով էլ, ձեր կողմից կշտամբանքների չսպասելով, ես մտադիր եմ համառոտակի պատմել, թե ինչպիսի խորամանկությամբ մի վանական ազատվեց ծանր պատժից։
Այստեղից ոչ շատ հեռու՝ Լուիջիանա գավառում, կար մի վանք, որը մի ժամանակ իր սրբությամբ ավելի էր հռչակված և ուներ ավելի շատ վանականներ, քան այժմ։ Ի թիվս այլոց՝ այնտեղ կար մի ջահել վանական, որի մարմնական ուժերին ու թարմությանը չթին կարողացել վնասել ո՛չ ծոմերը, ո՛չ էլ հսկումները։ Մի անգամ կեսօրին, որն մնացած բոլոր վանականները քնած էին, իսկ նա միայնակ թափառում էր իր եկեղեցու շուրջը, որը գտնվում էր մի խիստ առանձնացած վայրում, պատահմամբ նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա, որը հավանաբար որևէ գյուղացու դուստր էր և դաշտում շրջելով՝ խոտեր էր հավաքում։ Աղջկան տեսած-չտեսած՝ վանականը մարմնական խիստ ցանկություն զգաց, ուստի մոտենալով նրան՝ զրույցի բռնվեց նրա հետ, և գործն այնպիսի ընթացք ընդունեց, որ նա աղջկա համաձայնությունն առնելով՝ նրան տարավ իր խուցը այնպես, որ ոչ ոք չնկատեց։ Եվ մինչդեռ չափազանց ուժգին տռփանքով համակված, այնքան էլ չզգուշանալով՝ նա քեֆ էր քաշում նրա հետ, եղավ, որ վանահայրը, քնից ելնելով և անցնելով նրա խցի մոտով, լսեց այն աղմուկը, որ առաջացրել էին նրանք երկուսով։ Որպեսզի կարողանար ավելի լավ որոշել ձայները, նա ականջ դնելու նպատակով զգույշ մոտեցավ դռանը և հաստատ իմացավ, որ ներսում կին կա, և մի պահ գայթակղություն ունեցավ հրամայելու, որ դուռը բանան, բայց հետո միտքը փոխեց ու որոշեց այլ կերպ վարվել և, վերադառնալով իր սենյակը, սկսեց սպասել, մինչև որ վանականը դուրս գար խցից։ Վանականն էլ, թեպետև այն կնոջ հետ մեծագույն բավականության ու վայելքի էր տրված, այնուամենայնիվ կասկածը սրտումն էր, և քանի որ նրան թվաց, թե դռան մոտից ոտքերի քստքստոց է լսվում, աչքը դեմ արավ նեղլիկ ճեղքին և չափազանց պարզ ու որոշ տեսավ, որ վանահայրը ականջ է դնում, և շատ լավ հասկացավ, որ նա չի կարող կռահած չլինել աղջկա ներկայությունն իր խցում։ Լավ իմանալով, որ դրա համար իրեն ծանր պատիժ է սպասում, նա խիստ վշտացավ, բայց և այնպես, աղջկան բնավ ցույց չտալով իր վիշտը, մտքում ծանր ու թեթև արեց բազում հնարներ, որպեսզի տեսներ, թե դրանցից որը կարող էր փրկարար լինել։ Եվ նրա մտքով անցավ չտեսնված մի խորամանկություն, որը և նրան հասցրեց իր խորհած վախճանին։ Այնպես ցույց տալով, թե արդեն սրտի ուզածին չափ եղել է աղջկա հետ՝ նա վերջինիս ասաց․ «Ես մի գնամ ու տեսնեմ, թե դու այստեղից ինչպես պիտի դուրս գաս առանց նկատվելու, ուստի հանգիստ նստիր, քանի դեռ չեմ վերադարձել»։ Դուրս գալով խցից և դուռը ամուր կողպելով՝ նա գնաց ուղիղ բանահոր սենյակը և բանալին հանձնելով նրան, ինչպես վանքից հեռանալիս անում էին բոլոր վանականները, հանգիստ ու անայլայլ դեմքով ասաց․ «Մեսսերե, այս առավոտ ես ազատ ժամանակ չունեցա բերել տալու այն վառելափայտը, որ հատել եմ տվել։ Ուստի , թույլ տվեք գնամ անտառ ու պատվիրեմ ցախը բելեր»։ Վանահայրը, ցանկանալով ստույգն իմանալ վանականի հանցանքը և ենթադրելով, որ նա չի կռահել, որ ինքը տեսել է նրա արածը, ուրախացավ այդ պատեհ առիթի համար, սիրով վերցրեց բանալին ու նրան թույլ տվեց գնալ։ Տեսնելով, որ վանականը գնաց, նա սկսեց խորհել, թե ինչ կերպ վարվի, որ ավելի լավ լինի․ արդյոք բոլոր միաբանների ներկայությամբ բանա՞ խցի դուռն ու ափաշկարա դարձնի հանցանքը, որպեսզի նրանք պատճառ չունենան տրտնջալու, երբ ինքը պատժելու լինի վանականին, թե՞ նախապես աղջկանից իմանա՝ ինչպես էր եղել բանը։ Միտք անելով, որ նա կարող է այնպիսի կին կամ այնպիսի մարդու աղջիկ լինել, որ թերևս ինքը չէր ցանկանա նրան խայտառակել բոլոր վանականների առաջ, նա որոշեց նախ և առաջ իմանալ՝ ով է նա, և նոր միայն որևէ միջոցի դիմել։ Սուսիկ-փուսիկ մոտենալով խցին՝ նա բաց արեց դուռը և ներս մտնելով՝ փակեց ներսից։ Տեսնելով վանահորը՝ աղջիկը, ինքն իրեն բոլորովին կորցրած, վախենալով խայտառակվելուց, սկսեց լաց լինել, իսկ վանահայրը, մի լավ աչքելով նրան և տեսնելով, որ սիրուն է ու ջահել, հանկարծ, թեպետև ծեր էր, երիտասարդ վանականից ոչ պակաս զգալով ցանկությունը մարմնական, սկսեց ինքն իր մեջ այսպես խորհել․ «Ինչու՞ պիտի ես հաճույք չճաշակեմ, երբ կարող եմ այդ անել, իսկ տհաճություններն ու ցավերը միշտ էլ անպակաս են մեր գլխից։ Նա սիրուն աղջիկ է, իսկ որ այստեղ է՝ ոչ ոք չգիտի։ Եթե ես հաջողեմ նրան համոզել, որ ցանկությունս կատարի, ապա չեմ հասկանում՝ ինչու պիտի սրտիս ուզածը չանեմ։ Ո՞վ պիտի իմանա։ Ոչ ոք էլ չի իմանա, իսկ ծածուկ արված մեղքը կիսով չափ ներված է։ Այսպիսի առիթ թերևս երբեք չներկայանա, և եթե Աստված որևէ մեկին բարիք է տալիս, ապա դրանից օգտվելը ես համարում եմ մեծ իմաստություն»։ Այսպես խորհելով և բոլորովին փոխելով այն մտադրությունը, որով եկել էր, նա մոտեցավ աղջկան, սկսեց մեղմաբար մխիթարել՝ խնդրելով, որ լաց չլինի։ Եվ այդպես խոսելով՝ կամաց-կամաց խոսքն այնտեղ բերեց, որ աղջկան հայտնեց իր փափագը։ Աղջիկն էլ, դե, երկաթից ու ադամանդից չէր շինված և շատ հեշտ համաձայնեց կատարել վանահոր ցանկությունը։ Գրկելով նրան և համբուրելով շատ ու շատ անգամ՝ վանահայրը բարձրացավ վանականի անկողնու վրա և նկատի առնելով իր արժանապատվության պատկառելի կշիռը և աղջկա երիտասարդ հասակը կամ թերևս վախենալով նրան վնաս պատճառել իր չափազանց ծանրությամբ՝ չպառկեց նրա վրա, այլ նրան պառկեցրեց յուր անձի վրա և այդպես երկար ժամանակ զվարճացավ հետը։
Իսկ վանականը, որ իբր թե գնացել էր անտառ, թաքնվեց դորմիտորիայում և հենց որ տեսավ, որ վանահայրը մենակ մտավ խուցը, միանգամից հանգստացավ՝ մտածելով, որ իր խորհածը գլուխ պիտի գա։ Տեսնելով, որ վանահայրը դուռը ներսից փակեց, նա արդեն գործը գլուխ եկած հաշվեց։ Դուրս գալով իր թաքստոցից՝ նա կամացուկ մոտեցավ դռան ճեղքին, որի միջից լսեց ու տեսավ այն ամենը, ինչ ասում կամ անում էր վանահայրը։ Երբ վանահորը թվաց, որ աղջկա հետ արդեն բավականաչափ եղել է, առաջվա պես նրա վրա կողպեց խցի դուռը և վերադարձավ իր սենյակը։ Պահ մի անց լսելով վանականի ոտքերի ձայնը և ենթադրելով, որ նա անտառից է վերադարձել, որոշեց մի թունդ շշպռել նրան և արգելարան դնելու հրաման տալ, որպեսզի կարողանար մենակ վայելել ձեռն ընկած որսը։ Կանչել տալով վանականին՝ նա ամենայն խստությամբ և դեմքի ահասաստ արտահայտությամբ նախատեց նրան և կարգադրեց փակել արգելարանում։ Սակայն վանականը անմիջապես առարկեց նրան․«Մեսսերե,— ասաց նա,— վաղուց չէ, ինչ ես հարում եմ սբ․ Բենեդիկտի ուխտին և դեռևս չեմ կարողացել յուրացնել նրա բոլոր առանձնահատկությունները, իսկ դուք դեռևս ժամանակ չեք ունեցել ինձ հրահանգելու, որ վանականները պարտավոր են կանանց տակ էլ մտնել, ինչպես ծոմերի և հսկումների ծանրության տակ։ Այժմ երբ դուք արդեն այդ ցույց եք տվել ինձ, ես ձեզ խոսք եմ տալիս, եթե այս անգամ ինձ ներելու լինեք, այլևս երբեք չմեղանչել այդ պատվիրանը չկատարելով, այլ միշտ անել այնպես, ինչպես որ տեսա՝ անում էիք դուք»։ Վանահայրը, որ հասկացող մարդ էր, իսկույն գլխի ընկավ, որ վանականը ոչ միայն իր գործից շատ ավելի է հասկանում, այլև տեսել է այն ամենը, ինչ արել էր ինքը։ Ուստի սեփական հանցանքի գիտակցումից խայթված՝ նա ամաչեց վանականին տալ այն պատիժը, որին նրա հետ միասին արժանի էր և ինքը։ Ներելով նրան և պատվիրելով տեսածի մասին լռել, վանահայրը նրա հետ միասին զգուշաբար խցից հանեց ու ճամփու դրեց աղջկան, և պետք է ենթադրել, որ նրանք դեռ շատ ու շատ անգամ նրան բերեցին այնտեղ։
==='''ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ'''===
''Մոնֆերանտոյի դքսուհին հավի մսից պատրաստված ճաշով և մի քանի սիրալիր խոսքով փարատում է այն խելացնոր ցանկությունը, որ նրա նկատմամբ տածում էր Ֆրանսիայի թագավորը''
Դիոնեոյի պատմած նովելն սկզբում ամոթի զգացումով խոցեց նրան ունկնդրող աղջիկների սիրտը, մի բան, որ արտահայտվեց նրանց դեմքին երևացած շառագույնով․ իսկ այնուհետև, իրար երեսի նայելով և հազիվ զսպելով իրենց ծիծաղը, նրանք պատմությունը լսեցին մինչև վերջ։ Երբ նովելն ավարտվեց, և նրանք էլ մի քանի մտերմական խոսքերով կշտամբեցին պատմողին՝ ցանկանալով հասկացնել, թե կանանց ներկայությամբ այդպիսի նովելներ չի կարելի պատմել, այնժամ թագուհին, դառնալով Ֆիամետտային, որ նրա կողքին նստած էր կանաչի վրա, հրամայեց պատմել հերթական նովելը: Ֆիամետտան էլ նազելիորեն և դեմքի զվարթ արտահայտությամբ այսպես սկսեց․
—Քանի որ ինձ համար հաճելի է, որ մենք մեր նովելներով սկսեցինք ապացուցել, թե ինչպիսի զորություն ունեն հնարագյուտ և սրամիտ պատասխանները, ապա ես,նկատի առնելով այն, որ եթե տղամարդու ամենամեծ խոհեմությունը մինշտ իրենից ավելի տոհմմիկ կնոջ սիրույն ձգտելն է, ապա կնոջ մեծագույն զգուշությունն էլ պիտի լինի խուսափել իրենից բարձր դիրք ունեցող տղամարդու սիրուց, ուզում եմ, ո՜վ իմ գեղասքանչ դամաներ, իմ պատմելիք նովելով ցույց տալ, թե ինչպիսի արարքներով և ինչ խոսքերով մի ազնվատոհմիկ կին առանց ուրիշի օգնության կարողացավ առաջին վտանգից պաշտպանվել, իսկ երկրորդը՝ վերացնել։
Մոնֆերանտոյի դուքսը, որ շատ առաքինի մարդ էր և եկեղեցու հոգաբարձու, քրիստոնյաների համընդհանուր զինյալ արշավանքին միացած՝ կտրել-անցել էր ծովը։ Եվ մի անգամ, երբ նրա քաջության մասին խոսք եղավ Փիլիպոս Ծուռտիկի արքունիքում, որը Ֆրանսիայում նույնպես պատրաստվում էր միանալու այդ արշավանքին, ինչ-որ մի ասպետ ասաց, թե երկնակամարի տակ դժվար է գտնել ուրիշ այնպիսի մի զույգ, ինչպիսին են դուքսն ու իր կինը, որովհետև որքան դուքսը ասպետների մեջ հռչակված է իր քաջագործություններով, նույնքան նրա կինը հայտնի է որպես աշխարհիս ամենագեղեցիկ ու արժանավոր կինը։ Ասպետի ասածն այնքան խորապես ազդեց ֆրանսիացոց թագավորի վրա, որ նա, երբեք այդ կնոջ երեսը տեսած չլինելով, հանկարծ բոցակեզ սեր զգաց նրա նկատմամբ և որոշեց Ջենովայում ոտք դնել արշավանքի համար հարդարված նավերը, որպեսզի բարեպատեհ առիթ ունենա այցելելու դքսուհուն՝ մտածելով, թե քանի որ դուքսը տանը չէ, ապա ինքը հնարավորություն կունենա ի կատար ածելու իր ցանկությունը։ Եվ ինչպես խորհել էր, այնպես էլ արեց, որովհետև բոլորին նախապես ուղարկելով՝ նա պալատականների մի ոչ մեծ շքախմբով ճանապարհ ընկավ և, մոտենալով դքսության սահմաններին, տեղ հասնելուց մի օր առաջ դքսուհուն իմաց տվեց, որ նա հաջորդ օրն առավոտյան իրեն ճաշի սպասի։ Դքսուհին, որ խելոք ու կռահող կին էր, պատվիրեց սիրալիր պատասխանել, թե նրա այդ շնորհն իր համար բարձր է ամենայն բանից, և թե թագավորը կլինի իր ցանկալի հյուրը։ Այնուհետև սկսեց մտածել, թե ինչն է պատճառը, որ այդպիսի մի թագավոր պատրաստվում է իրեն այցելել ամուսնու բացակայության ժամանակ, և նա չսխալվեց՝ ենթադրելով, որ թագավորին իր մոտ բերել է իր գեղեցկության համբավը։ Այնուհանդերձ, որպես խելոք կին, որոշեց նրան ընդունել պատվով և, կանչել տալով տանը մնացած տոհմիկ անձանց, նրանց հետ խելք-խելքի տալով, կարգադրեց պատրաստել ինչ որ հարկավոր էր։ Բայց ինչ վերաբերում էր ճաշին և ճաշամթերքին, ցանկացավ դա հոգալ անձամբ․ հրամայելով իսկույն ևեթ բռնել ու բերել շրջակայքում եղած բոլոր հավերը՝ նա իր խոհարարին պատվիրեց թագավորական սեղանի կերակուրները պատրաստել միմիայն հավի մսից։ Եվ ահա նշանակված օրը թագավորը ներկայացավ և նրա կողմից ընդունվեց մեծ շուքով ու պատվով։ Երբ թագավորը տեսավ նրան, ապա տիկինը նրան թվաց ավելի գեղեցիկ, արժանավոր ու սիրալիր, քան նա պատկերացրել էր՝ ըստ ասպետի պատմածի, և նա խիստ հիացած էր նրանով ու գովում էր անվերջ և որքան ավելի էր համոզվում, որ դքսուհին գերազանց է նրա մասին ունեցած իր պատկերացումից, այնքան ավելի էր բորբոքվում նրա ցանկությունը։ Երբ նա փոքր–ինչ հանգստացավ այն սենյակներում, որ զարդարված ու հարդարված էին այն ամենով, ինչ վայել էր նրա նման մի թագավորի ընդունելու համար, և երբ հասավ ճաշելու ժամը, թագավորն ու դքսուհին նստեցին մի սեղանի շուրջ, իսկ մյուսներին, ըստ յուրաքանչյուրի կոչման, պատվեցին այլ սեղանների մոտ։ Բազմաթիվ կերակուրները, որ մատուցվում էին իրար ետևից, ընտիր ու թանկագին գինիները մեծ բավականություն պատճառեցին թագավորին, որը մերթ ընդ մերթ հաճույքով նայում էր գեղասքանչ տիկնոջը։ Այնուամենայնիվ երբ կերակուրներն սկսեցին իրար հաջորդել, թագավորը զարմացավ՝ տեսնելով, որ թեև կերակուրները բազմատեսակ էին, բայց բոլորն էլ պատրաստված էին հավի մսից։ Թագավորին լավ հայտնի էր, որ այդ վայրը, ուր գտնվում էր ինքը, հարուստ էր որսի զանազան կենդանիներով, և որ ինքը, տիկնոջը նախապես հայտնած լինելով իր գալստյալ մասին, նրան ժամանակ ու հնարավորություն էր տվել ծառաներին որսի ուղարկելու։ Այնուամենայնիվ թեև խիստ զարմացած էր, որոշեց տիկնոջն իր սերը հասկացնել միայն այդ հավերի մասին խոսելով։ Եվ դեմքի ուրախ արտահայտությամբ դիմելով դքսուհուն՝ նա ասաց․«Մի՞թե այս երկրում հավերն առանց աքաղաղի են լինում»։ Դքսուհին շատ լավ հասկացավ հարցի իմաստը և գտնելով, որ արարիչն ինքն է պարգևել իր մտքերն արտահայտելու այդ պատեհ առիթը, ասաց․«Ո՛չ, տեր ի՛մ, բայց այստեղի կանայք, որոնք թեև մյուսներից փոքր-ինչ տարբերվում են իրենց հագուստով ու պատվով, ստեղծված են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մյուս տեղերի կանայք»։ Լսելով այդ՝ թագավորը լավ հասկացավ հավերից ճաշ պատրաստելու նպատակը և դքսուհու խոսքերի թաքուն իմաստը և համոզվեց, որ այդպիսի կնոջից բան սպասելն իզուր է և բռնությունն էլ անիմաստ, որ ինքը, թեթևամտորեն սիրահարված լինելով, այժմ խելոք ու ազնիվ բան արած կլինի, եթե հանգցնի իր սրտում բորբոքված բոցը, որը լավ բան չի խոստանում։ Դքսուհու պատասխանների ահից չշարունակելով իր կատակախոսությունը՝ նա ճաշում էր՝ արդեն ամեն մի հույսից ձեռք քաշած։ Ճաշն ավարտելուց հետո նա, ցանկանալով շտապ կոծկել իր այցելության անպարկեշտ նպատակը, դքսուհուն շնորհակալություն հայտնեց ցույց տրված պատիվների համար և, նրան Աստծո ողորմածությանը հանձնելով, ճանապարհ ընկավ դեպի Ջենովա։
==='''ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ'''===
''Մի ոմն հավատացյալ իր դիպուկ խոսքով մերկացնում է հոգևորականների երեսպաշտությունը''
Երբ բոլորը գովեցին դքսուհու առաքինությունը և այն լավ ու անմոռանալի դասը, որ նա տվել էր Ֆրանսիայի թագավորին, այնժամ Եմիլիան, որը նստած էր Ֆիամետտային կողքին, թագուհու բարեհաճությամբ համարձակորն այսպես սկսեց իր պատմությունը․ —Ես էլ իմ կողմից կպատմեմ, թե ինչպես մի արժանավոր հավատացյալ մի ժլատ վանականի խայթել է նույքան զվարճալի, որքան և գովեստի արժանի խոսքով։
Շատ ժամանակ չի անցել, ո՜վ սիրելի օրիորդներ, որ մեր քաղաքում ապրում էր մի ոմն միաբան, մերօրյա պիղծ հերետիկոսությունը հետապնդող մի ինկվիզիտոր, որը թեև ջանում էր, ինչպես նրանք բոլորն են անում, քրիստոնեական հավատի ջանադիր սիրահար և սուրբ երևալ, միաժամանակ տռուզ քսակ ունեցողներին հետաքննում էր ոչ պակաս վարպետությամբ, քան հավատի մեջ թերացողներին։ Եվ ահա իր այդ եռանդուն գործունեության ընթացքում մի անգամ նա հանդիպեց մի օրինավոր մարդու, որն ավելի շատ փող ուներ, քան խելք և որը ոչ թե թերահավատ էր, այլ պարզապես հարբած լինելու պատճառով մի անգամ իր բաժակակիցների մոտ բերնից մի անզգույշ խոսք էր թռցրել, թե իբր իր գինին այնքան լավն է, որ Քրիստոսն անգամ սիրով կխմեր։ Երբ նրա ասածը հասցրել էին ինկվիզիտորի ականջը, ապա սա, տեղեկանալով, որ այդ մարդը ընդարձակ կալվածքներ և տռուզ քսակ ունի, cum gladiis et fustibus և մեծ աճապարանքով սկսեց նրա դեմ շատ խիստ մեղադրանք նյութել՝ նպատակ ունենալով ոչ թե նեղադրյալի անհավատությունը նվազեցնել, այլ իր բուռը ֆլորիններով լցնել, ինչպես և արեց իրականում։