Ամերիկայից անցել էր Պարսկաստան կազմակերպական գործով։ Շնորհքով եւ հմուտ արհեստաւոր լինելով՝ մտել էր Թաւրիզի մեր զինագործական արհեստանոցը եւ մի երկու տարում սովորել էր զինագործութիւն։
Չգիտեմ, ո՜ր թուականին էր մտել Վան, իբրեւ արհեստաւոր գործիչ։ Աշխատակցել էր Վարդգէսին, իսկ նրա բռնուելուց յետոյ, մի առժամանակ կատարել էր կուսակցութեան ներկայացուցիչի դեր։ Վարդգէսի ձերբակալուելուց վերջը, սոսկալի հակազդեցութիւն է եղել Վանում․ ոչ ոք չի ուզել տուն տալ, դրամ չեն ստացել արտասահմանից, յարաբերութիւնները եւ կապերը խզուել են։ Վարդգէսի բանտարկուելուն պատճառով հասցէները բռնուել եւ փճացուել էին։ Երկար ժամանակ սոսկալի նեղութիւն են քաշել ինքը՝ Թէոսը, Ալէսը, Արմենակը, Կառկառցի Եղիիշը եւ ուրիշները․ շաբաթներով ընկած մնացել են մի խոնաւ նկուղում, առանց տաք կերակուրի, ոջիլների եւ կեղտերի մէջ կորած։ Այդ էլ բաւական չէ․ ստիպուած են եղել ձմեռով քաղաքից ելնել եւ ապաւինիլ Վարագայ լեռը․ շաբաթներով պատսպարուել են այրերի մէջ, անօթի, մերկ։
1903ին իբր պատգամաւոր գնացել էր Բուլգարիա տեղի ունեցած Դաշնակութեան Ընդհ․ Ժողովին, վերադարձել էր Երկիր 1904ին, ինչպէս իր տեղը ասացի, Տիգրանի, Մակուեցի Մեսրոպի եւ ուրիշ ընկերների հետ։
Վան մտած ժամանակս Վարդանը քաղաքումն էր։ Նրանից ստացած առաջին տպաւորութիւնս հրաշալի էր։ Խաղաղ դէմքով, ճերմկած մազերով, միջահասակ մի մարդ էր, շատ ուժեղ եւ պինդ ջիղերով, երկաթի պէս դիմացկուն։ Ձմեռը գլխաբաց եւ շապիկով էր պտտում։
Օրերով մարդերու հետ չէր խօսում․ որեւէ գործիք էր քանդում, դիտում, փորձում կամ արհեստանոցում աշխատում։ Առհասարակ ձմեռը մնում էր գաւառ — Խնձորուտ, սոսկալի նեղութեան եւ կարիքների մէջ։ Կերածը եղել է կորեկ եւ վայրի խնձոր․ շատ անգամ հասարակ թէյ անգամ չի եղել։
Վարդանը իմ աչքում միշտ եղել է մեր ժողովրդի տիպարը, — համեստ, աշխատասէր, շինարար եւ լռակեաց։
Վարդանը մնաց Վան մինչեւ Թրքական Սահմանադրութեան հրատարակութիւնը, որից յետոյ մեկնեց դէպի իր հայրենի տունը, ուր կին ունէր, որ 20 տարի էր չէր տեսել, եւ որդի ունէր, որին չէր ճանաչում։
Ազատութեան օրերին նա մի կողմից իր պարէնն էր հոգում, միւս կողմից շարունակում էր կազմակերպական յեղափոխական գործը։ Նա մեծ քանակութեամբ զէնք է մտցրել Սվազի եւ Տիվրիկի շրջանը։
1915ի Մեծ Եղեռնի օրերին՝ Վարդանին, ինչպէս եւ միւս յեղափոխական գործիչներին, կառավարութիւնը ուզեցել է թակարդ գցել, բայց նրանք, իբրեւ փորձ եւ հին յեղափոխականներ, կռահել են եւ խումբով լեռը քաշուել։
Տարի ու կէս թէ որքան նա ապրել էր իրենց գաւառի լեռները։ Լեռների գագաթը շինել էր մի գաղտնի տուն եւ իր ճակատագրին վայել ամէն սոսկումներով ապրել էր ու տոկունութեամբ սպասել, մինչեւ որ ռուսները մտել էին Երզնկա։
Վարդանին տեսայ 1917ի գարնան․ նոյն դիմացկուն, սառն եւ հանդարտ մարդն էր… Մի քանի շաբաթ ընկերներին եւ գործերին ծանօթանալով, նա նորից վերադարձաւ Երզնկա․ փորձեց մի քանի անգամ Տէրսիմից անցնել Տիվրիկ, այնտեղ եղած մնացորդները փրկել բերելու համար, բայց չյաջողուեց։
Այսօր էլ դեռ նա պատնէշի վրայ է, թուրքերի մէջ մնացած հայերի փրկութեան գործով է զբաղւում։
Ճիշդ հայ ժողովրդի նման, գլխուն հարուածում են, իսկ նա շարունակում է ապրիլ, մանաւանդ՝ շինել…
<i>Տիգրան — Յարութիւն․ — </i> Տիգրանի մասին արդէն վերը մի քանի խօսք ասացի․ շատ գաղափարական եւ մաքուր մարդ էր, բայց բաւական անգործնական եւ ջղային․ ժողովրդի հետ վարուել չգիտէր, հակառակ իր թափած բոլոր ջանքերին։ Պէտք է խոստովանիլ, որ թէեւ աւելի էր զոհողութիւն անում եւ ջանքեր թափում, քան մեզանից որեւիցէ մէկը, բայց մեծ արդիւնք չէր դուրս գալիս։
Բաւական կանոնաւորութիւն էր մտցրել թէ՛ Կեդրոնական Կոմիտէի եւ թէ՛ գաւառական ու գիւղական հաշուետուութեան մէջ։ Կոյր աղիքի հիւանդութիւն ունէր․ երբ ցաւը բռնում էր, դժոխային տանջանքներ էր ունենում․ լաւ չէր քայլում, այնպէս որ գործերն էլ դանդաղ էր տանում։
Մէկ անգամ Թիմար՝ Ալիւրի մէջ քիչ մնաց, որ դէպքի հանդիպի։ Թէեւ ինքը ռուսական բանակում ծառայած էր եւ լաւ նշանաձիգ էր, բայց հետը շատ փորձառու զինուորներ չկային։ Երբ, յանկարծ, լուր ստացանք, որ Ալիւրը պաշարուած է, քաղաքից զէնք եւ թնդանօթ էին տարել, կարգադրութիւններ արինք, որ մօտի գիւղերից օգնութեան գնան, իսկ քաղաքից՝ գիշերը։ Մինչ այդ, ճարպիկ Ալիւրցիք ունենում են մի ամբողջ պահարան սենեակ, որի մէջ տեղաւորում են Տիգրանին եւ խմբին։ Գիւղը թափուած զինուորներին լաւ խմցնում եւ հիւրասիրում են։ Խուզարկութիւնը արդիւնք չի տալիս։
Երեկոյեան լուր ենք առնում, որ տղաները ազատուել են։ Տիգրանը պատմում է, թէ ինքն ու ընկերները վեց ժամ շան հալ են քաշել թագստարանի մէջ։ Շատ յուզիչ է եղել մի պառաւ կնոջ արածը։ Երդիքի մօտ տանիքը նստած՝ ինքն իրեն միշտ խօսել է․ տղաներին հաղորդելով գիւղի մէջ զօրքի շարժումների մասին՝ միշտ յուսադրել է, թէ բան չկայ․ կամ հրահանգել է, որ պատրաստ լինին, դէպի իրենց են գալիս։
Հակառակ իր հիւանդութեան եւ քաշած անտանելի ցաւերին, Տիգրանը երկու տարի տոկաց Երկրի անտանելի դժուարութիւններին։ 1906ի վերջը, ընկերների ստիպման տակ, դուրս եկաւ եւ գնաց Եւրոպա վիրահատութեան։ Ընտանեկան պատճառներով Տիգրանը մի առժամանակ քաշուեց յեղափոխական ասպարէզից՝ միշտ ընկերների հետ նամակային կապ պահելով եւ միշտ երազելով Երկիրը եւ ցաւելով, որ հեռու է անմիջական ակտիւ գործից։ 1913ին, երբ Ռուբէնը պիտի երթար Մուշ, իր հետ էր վերցնում նաեւ Տիգրանին, որ այնտեղ յայտնի էր Վարդան անունով։
1913 թուականին, դպրոցական, հասարակական եւ յեղափոխական գործունէութեան մէջ, աջակից եւ փոխարինող է եղել Ռուբէնին։
1914 թուականին, երբ պատերազմը պայթեց, Կոմսը (Վահան Փափազեանը), իբրեւ <i>մէբուս</i>, կուսակցական ընկերների որոշումով ճամբել էին Մուշ՝ ընկերներին օգնելու։ Ճակատագրի բերմունքով այն մարդիկ, որոնք երբեմն իբրեւ թշնամի են բաժանուել, ազգային մեծ ճգնաժամին միասին են ընկնում, միատեղ աշխատելու հարկին տակ դրւում։
Սասունի կռիւներից առաջ Տիգրանը (Վարդանը) միւս ընկերների հետ քաշւում է սար, իբրեւ փախստական։ Մասնակցել է Սասունի կռիւներին, եղել է ռազմամթերքի եւ պահեստի ընդհանուր կառավարիչ եւ մեծ հմտութեամբ է ղեկավարել գործը։
Երբ եկել է ճգնաժամային րոպէն, երբ ռազմամթերքը սպառուել է ու կռուի ղեկավարները ժողովրդական մեծ ժողովում յայտներ են, որ ընդհանուր դիմադրութիւնն այլեւս անհնարին է, երբ իրար տուել են վերջին համբոյրներ, որոշելով միմեանցից բաժանուել եւ իրենց ճակատագիրը յանձնել կոյր պատահականութեանց, Տիգրանը սաստիկ ազդւում է ժողովրդի այդ յուզումնալից դրութիւնից եւ բացագանչում է․ «Հապա ի՞նչպէս թողնենք ժողովրդին մենակ ու անպաշտպան»…
Անփոյթ դէպի սեփական կեանքը, անյոյս դէպի մօտիկ ապագայի արշալոյսը՝ նա առիթներ է փնտրում սպանուելու։ Եւ այդ առիթը չի ուշանում… Տիգրանը նահատակւում է Սասունի ապստամբութիւնը ճնշուելուց մի քանի օր վերջ, մի պատահական կռուի մէջ։
<i>Մակուեցի Մեսրոպ</i>․— Այն ժամանակ նա յայտնի էր <i>Մաշտոց</i> կեղծ անունով։
Մեսրոպ բնիկ Մակուեցի էր․ իր կրթութիւնը ստացած էր իրենց գիւղի տարրական դպրոցում․ զարգացած եւ առաջ է գնացած կուսակցական կեանքի մէջ։ 90ական թուականներէն սկսած՝ եղել է կազմակերպութեան մէջ, — Կովկասից դէպի վանք եւ վանքից դէպի Երկիր։ Կտրիճ եւ լաւ նշան զարկող տղայ էր, Պարսկաստանցի ընկերների մէջ աչքի էր ընկնում եւ յարգուած։ 1904ի աշնանը Վարդանի եւ Տիգրանի հետ խմբով անցել է Վան։ Այնուհետեւ եղել է Իշխանի հետ Լեռնապարի շրջանի մէջ, մասնաւորապէս Մոկս, Կառկառ եւ Գաւաշ։ Կազմակերպական զինման եւ զինուորական կազմակերպութեան մէջ մեծ դեր է կատարել։
Սա Տիգրանի պէս դժբախտութիւն ունէր հիւանդ լինելու․ փայծաղի հիւանդութիւն ունէր, որը աւելի սոսկալի ցաւեր ունէր, եւ թոյլ էր ֆիզիքապէս։
Հիւանդութիւնը յեղափոխական կեանքի մէջ աւելի վատ է, քան մահը։
Փախստական կեանքի սարսափը, ամէն օր փոխադրուելու անհրաժեշտութիւնը, յարաշարժ կեանքը ոչ թէ քրոնիք սուր հիւանդութիւն ունեցող, այլեւ մի քիչ ֆիզիքապէս տկար ընկերների համար անտանելի էր․ իսկ սուր հիւանդութիւն ունեցողների համար՝ դժոխք։
Դրութիւնը բարդանում է մանաւանդ հիւանդի դիրքի աստիճանով։ Եթէ հիւանդը աչքի ընկած, կառավարութեան հետապնդած կեդրոնական գործիչ է, նրա բանը պրծաւ, որովհետեւ ոչ մի տեղ ոչ հանգիստ կարող է առնել եւ ոչ պառկիլ։ Այդպիսի հիւանդներին՝ տիֆ, սուր յօդացաւ, ծաղիկ եւայլն, որ հանգիստ պառկիլ է պահանջում, ընդհակառակը, շալակած, կատուի ձագի նման ամէն օր տեղափոխութիւն պէտք է անել տնից տուն։ Երբ կառավարութիւնը լսում է, որ այս ինչ գործիչը հիւանդ է, հետապնդումները եւ խուզարկութիւնները խստացնում է։
Բժշկական օգնութիւնը տալիս են ընկերները մեծ մասամբ իրենք։ Ամէն Երկիր մտնող գործիչ սովորում էր բժշկական առաջին օգնութիւն հասցնելու չափ գիտութիւն։ Շարժական դեղարանը միշտ մեզ հետ կար, նոյնպէս եւ «ընտանեկան բժշկարանը», որ կարդում էին եւ բժշկում իրար եւ ժողովուրդը։
Այդ ասպարէզի վրայ մեծ յաջողութիւն ունէր Կոմսը։ Վանում նրան անուանում էին «Բժիշկ»։ Նա յայտնի էր նաեւ «Բժիշկ» կեղծ անունով եւ կարգին բժշկութիւն էր անում։ Ամէն տուն մտնելիս, ով փորի ցաւ, աչքի ցաւ կամ 20 տարուայ ոսկրացաւ ունենար, գալիս էր Վահանից <i>իլաջ</i> (դեղ) ուզելու։ Վահանն էլ կամ մեր ունեցածներից էր տալիս, կամ «ընտանեկան բժշկարանից» դեղատոմս գրելով՝ Ամերիկեան դեղարան էր ճամբում։
Մի ժամանակ տեսանք, որ Վահանի բժշկութիւնը մեր վրայ թէ թանկ է նստում եւ թէ պիտի վտանգի, որովհետեւ իբրեւ բժիշկ իմաց էին տալիս դրացի բարեկամներին, եւ գալիս էին գտնում։ Մի օր Իշխանի հետ գաղտուկ որոշեցինք բժշկի «ընտանեկան բժշկարանը», այսինքն գիտութեան ամբողջ դրամագլուխը գողանալ։ Նա գիրքը պահում էր իր պայուսակի մէջ։ Մի օր յարմար առիթ գտանք, գիրքը թռցրինք եւ ուղղակի ճամբեցինք Աղթամար, որ այլեւս ձեռք չընկնի։ Սրանով էլ վերջացաւ Վահանի բժշկութիւնը։
Մեր հիւանդ ընկերներից համեմատաբար երջանիկ էին նրանք, որոնց անունը չէր տարածուած։ Այդպիսի դէպքում հիւանդին համար գտնում էինք մի վստահելի տուն, եւ ամէն դիւրութիւն ստեղծում էինք, որ բժշկուի։
Բժշկական օգնութեան գործում մեզ մեծ ծառայութիւն են մատուցել ամերիկեան բժիշկները, մանաւանդ Տոքթ․ Աշըր, որն անվախ միշտ յաճախում էր մեր հիւանդներին, ձրիաբար բժշկում եւ ոչ մի անգամ, ոչ ցերեկ եւ ոչ գիշեր չէր մերժում գալ։ Նա կատարել է նաեւ վիրաւոր ընկերների վիրաբուժական գործողութիւն եւն․։ Բացի իր անձնական օգնութիւններից՝ նա թոյլատրել էր իրենց հիւանդանոցի ֆլդշերներին եւ հիւանդապահներին, որ յաճախեն մեր հիւանդներին եւ բժշկեն։ Դեղերն էլ, ի հարկէ, նրանց դեղատնիցն էին գնում։ Ամերիկեան հիւանդանոցի եւ շրջանի տղաներից այդ տեսակէտից մեծ դեր են կատարել Վաղարշակ Տէր Յարութիւնեանը, դեղագործ Ստեփանը, հիւանդապահ Արմենակը, իսկ վերջերը նաեւ հիւանդապահ Կարապետը։
Աւելին կար․ ամերիկացի միսիոնար բժիշկներն այնքա՜ն բարի էին, որ թոյլ էին տալիս մեր փախստական յեղափոխական գործիչներին, — ի հարկէ, ոչ աչքի ընկնողներից, եւ զինուորներին տեղաւորուելու իրենց հիւանդանոցում։ Ամերիկեան հիւրընկալ հիւանդանոցի յարկի տակ ամիսներ հանգիստ պառկել եւ բժշկուել են մեր Տիգրանն ու Մեսրոպը եւ ուրիշ շատ զինուորներ։ Մենք էլ մէկ մէկ, զինուած խմբով, գիշերը գնում էինք նրանց այցելութեան։
Մեսրորը կարծեմ մի կէս տարուց աւելի չկարողացաւ մնալ Երկրի մէջ հիւանդութեան պատճառով։ Նա էլ անցաւ Պարսկաստան եւ այնտեղ շարունակեց յեղափոխական գործունէութիւնը։ Կամաւորական շարժման Ժամանակ նա Դրոյի գնդում վաշտապետ էր։ Դրոյի հետ առաջինն էր, որ մտաւ Շատախ։ Նա էր, որ գնաց իր ծանօթ շրջանները, Սպարկերտի եւ Մամրտանքի ժողովուրդը փրկեց բերաւ Մոկս, որ եւ պաշտպանեց մինչեւ նահանջի օրը․ ամենավերջինը եղաւ, որ վաշտով Վանից դէպի Բերկրի նահանջեց։
<i>Յարութիւն Միրաքեան</i>․— Սա Ամերիկայից եկած ընկերներիցն էր։ Սասուն գնալու համար Ալեքսանդապոլից միացաւ ինձ։ Պարսկաստանում բաժանուեցինք։ Յետոյ Մոսոյի եւ Նիկոլի հետ եկաւ Վան։ Սրան ինձ ընկեր էին տուել Ալեքսանդրապոլում, իբրեւ պայթուցիկ նիւթերի վարպետ։ Սկզբնական շրջանում ինձ հետ էր Վանում․ յետոյ, կամաց֊կամաց ծանօթանալով շրջանի գիւղերին, մեծ ընդունելութիւն ցոյց տուեց ժողովրդական կազմակերպութեան եւ զինական֊զինուորական ասպարէզում։
Շուտով նրան տուինք մի ամբողջ ու մեծ շրջան, Արճակի գաւառը, որ 35֊40 գիւղ ունէր, ինչպէս նաեւ Բողազ֊Քեասանի շրջանը։
Յարութիւնը դարձաւ Վանի շրջանում ամենաժողովրդական անհատը։ Կարող եմ ասել, որ մեր ժամանակում, մեր ընկերներից ոչ ոքի հետ ժողովուրդն այնքա՜ն սերտ կերպով չէր կապուած, որքան՝ Յարութիւնի հետ։ Նա ունէր ժողովրդական գործիչի բոլոր բարեմասնութիւնները․ դիմացկուն էր, խաղաղ բնաւորութիւն, մեծ գաղափարաբանութիւն եւ զոհողութեան ոգի, ինչպէս եւ ժողովրդի հետ խօսելու փայլուն լեզու, համբերատարութիւն, կազմակերպելու եւ ղեկավարելու ընդունակութիւն ունէր։
Յարութիւնը Վանում մնաց երկու տարի։ 1907ին հիւանդութեան պատճառով դուրս գնաց մի քանի ամսով, 1908ի Սահմանադրութեան՝ դարձաւ Երկիր, երբ արդէն հիւանդութիւնը յաղթել էր նրան։ Լաւ բժիշկների բացակայութեան պատճառով մեռաւ 1909ի ձմեռը։ Նրա յուղարկաւորութեան հանդէսը Վանի մէջ ոչ մի ժողովրդական գործիչ չէ ունեցել։ Ամբողջ գաւառը թափուել էր քաղաք իր վերջին յարգանքն ասելու իր սիրեցեալ գործչին։
Յարութիւնի մասին կենսագրական յօդուած կայ «<i>Դրօշակ</i>»ի 1912 թուերի մէջ։
<i>Թէոս Տեղտրիկեան․</i>․— Սա տեղացի ամենահին ընկերներից է։ Կազմակերպութեան մէջ եղել եւ գործել է 90ական թուականներից։ Առաջին անգամ պատանի հասակում, դեռ 16֊17 տարեկան, Մեծ Վարդանի եւ Վազգէնի հրահանգով, տեռորի է ենթարկում մի դաւաճան հայի։ Բայց առաջին փորձն անյաջող է անցնում․ հեռուից մի քանի անգամ կրակում է զոհի վրայ, թեթեւ վիրաւորում ու փախչում է։
Այնուհետեւ փախստական է դառնում։ 1896ին Վարդանի խմբի հետ հազար ու մի նեղութիւններով, ինչպէս այդ նկարագրուած է Վարդանի յիշողութեանց մէջ, անցնում է Պարսկաստան, այնտեղից էլ Կովկաս։ Այստեղ էլ աշխատում է կուսակցութեան շարքերում, բայց, երբ ընդհանուր ներման լուրը լսում է, վերադառնում է կրկին Վան։
Այդ ժամանակ Վազգէնը նահատակուել էր։ Վանում սոսկալի հակազդեցութիւն կար․ դեռ Վարդգէսը նոր էր մտել Վան․ ոչ ոք կար գործիչներին օգնող եւ հիւրընկալող։ Այն աստիճան էր հալածանքը, որ մի ռուսահայ, Լեւոն Գիւլումեան անունով, եկել էր Վան, հասել էր Աւանց, ուր այնքան էին վախեցրել նրան, որ յետ էր փախել, առանց Վան իսկ մտնելու։
Վարդգէսը շնորհիւ Ալէսի, Արմենակի եւ վերջը Թէոսի աջակցութեան կամաց֊կամաց շրջանակ եւ կազմակերպութիւն է ստեղծում Վանում եւ շրջաններում։ Կարճ ժամանակում կազմակերպութիւնը ոտքի է կանգնում եւ այն աստիճան, որ դառնում է կամուրջ Մուշ փոխադրուող գործիչների եւ ռազմամթերքի համար։ Այդ ժամանակները Մուշ է անցնում Սասունի Վահանը, Հրայրի հետ, որ Վան էր քաշուել Վարդգէսի մօտ, Մշոյ հալածանքներից շունչ առնելու։ Վան էր հասել Ամերիկայից ե՛ւ Աշոտ Երկաթը, որը նոյնպէս գնաց Մուշ֊Սասուն եւ ապա տեղաւորուեց Ախլաթ։
Վարդգէսի օրով սկսւում է փոխադրական գործը, որի ժամանակ մեծ դեր է կատարում Թէոսը։ Վերջինը այդ ժամանակ լեգալ էր։ Վանի մէջ ապահով եւ լաւ վաճառականի որդի, ինքն էլ խանութ էր բացել, որը յետոյ դարձել էր Դաշնակցութեան գրասենեակ, ինչպէս ասում էին տղաները։ Այնուհետեւ լինում է Վարդգէսի թեւ ու թիկունքը, բաժանում է նրա հետ բոլոր դառնութիւնները, նրա հետ բանտարկւում է եւ կաշառքի ոյժով ազատւում՝ նորից մտնելու համար յեղափոխական ասպարէզը։
Վարդան Շահպազի մասին խօսելիս, ասացի, թէ ի՜նչ նեղութիւններ են քաշած Վանում։ Վարդգէսի դաւաճան Սէմէրջեան Խաչիկի տեռորը «Ծուռ» Դաւիթի ձեռքով կազմակերպողն եւ ղեկավարը եղել է ինքը Թէոսը։
Երբ Կոմսը Վան է մտնում, Թէոսը Կոմսի ամենալայն օժանդակողը եւ լաւ աշխատող ընկերներից մէկն է դառնում։ Այնուհետեւ Վանում ոչ մի դաւադրութիւն, ոչ մի յեղափոխական եւ տեռորական գործ չի կատարւում առանց Թէոսի անմիջական ղեկավարութեան, հսկողութեան կամ մասնակցութեան։
Շատ խոշոր ձեռնարկ է եղել 1904ին Վարդգէսին բանտից փախցնելու փորձը։ Բանտից 100֊150 մեթր երկարութեամբ ական էին փորել Վարդգէսի բանտարկուած մասնաբաժնի տակ․ հասցրել էին մինչեւ պատի մօտ․ մնացել էր մի գիշերուայ աշխատանք, որ հասնեն սենեակի յատակին։ Այդ օրը սակայն անձրեւ է գալիս, ջուրը ծծում է եւ կասկածանքի տեղիք է տալիս, որով եւ բացւում է դաւադրութիւնը։
Թէոսը դրա վրայ ամիսներ է չարչարուել։ Ամէն գիշեր, ինքն անձամբ գնացել է ականի մէջ քանքաններին սիրտ տալու, օժանդակելու եւ պաշտպանելու։ Եւ այդ բոլորը Այգեստանից հեռու բերդի տակ՝ ճիշդ պահապանի քթին տակ։ Ինչպէս ինքն էր ասում շատ անգամ, երբ թուրք պահապանը բանտի տանիքից միզում էր, ջուրը թափւում էր ուղիղ իրենց գլուխի վրայ։ Այդ ձեռնարկը Վանի այն ժամանակուայ ամենափայլուն գործերից մէկն էր, որի մեծ պատիւը առաւելապէս պատկանում է Թէոսին։
Այնուհետեւ Թէոսը կազմակերպել է եւ կատարել անձամբ մի քանի նշանաւոր տեռորներ, ինչպէս օրինակ, փոլիս Մխիթարի, Ոստանի գայմագամ Արմենակ Էֆ․ եւն․։ Թէոսն էլ իմ ժամանակուայ գլխաւոր դերակատարներից մէկն էր, միակն էր, որ քաղաքում մեծ կապեր ունէր, ամենքին լաւ ճանաչում էր, խիստ վարպետ էր եւ խելք ու մանաւանդ լեզու ունէր մարդկանց համոզելու համար։
Թէոսը ուժեղ տիպ է, բայց նրա մէջ ապրել է միշտ կողք կողքի երկու մարդ, — քանդող ու աւերող եւ շինարար։ Քանդողը շատ անգամ նրան տանում էր անկման, մօտեցնում ոճրագործի, ըմբոստացնում էր ամէն մի հեղինակութեան եւ սրբութեան դէմ․ միայն ատրճանակով էր, որ պիտի խօսուէր այդ ժամանակ նրա հետ… Այս ներքին անզուսպ հրէշի մէջ սակայն նստած էր եւ մի շինարար, աշխատասէր, հայրենասէր, դէպի Դաշնակցութիւնը անհուն զոհողութեամբ լեցուած մի հոգի։
Թէոսը մինակ սոսկալի էր․ նրան հաւասարակշռութեան մէջ պահել են նրա ընկերներից մանաւանդ Ալէսը։ Երբ նրա վրայ եղել է մի ուժեղ եւ լաւ ձեռք, նա միշտ դէպի լաւն է աշխատել։ Վասպուրականի յեղափոխութեան պատմութիւն գրողը, երբ հասնի 1896 թուէն 1915 թուականների շրջաններին, անկարող է կանգ չառնել Թէոսի հարուստ գործունէութեան վրայ։
<i>Ալէս Պտրսամեան</i>․— Սա Թէոս֊Ալէս֊Արմենակ երրորդութեան երկրորդ անձն է, բնիկ վանեցի։ Ժամանակին եղել է արհեստով դերձակ, իսկ ապա՝ «յեղափոխական», ինչպէս ինքն էր ասում իր մասին։ Դեռ պատանի, 1898֊1900 թուերին, կազմակերպութեան մէջ գործել է մանաւանդ Վարդգէսի նոր եկած ժամանակը։
<i>«Կʼերթայինք ցերեկը օրական 2֊3 ղրուշով կʼաշխատէինք Արմենակի հետ։ Երեկոյեան հացի ու պանիրի կուտայինք, կը բերէինք կʼուտէինք Վարդգէսի հետ, որը՝ ամբողջ օրը անօթի նստած՝ ակնդէտ մեր գալուն կը սպասէր… Գիշերը զէնքեր կը կապէինք, Պ․ Վարդգէսի հետ խումբերուն կʼերթայինք։ Առանձին զայն տեղաւորելով՝ մենք կրկին գործի կը շտապէինք մի քանի ղուրուշ հացի դրամ վաստակելու»…</i>։
Ալէսին վիճակուել էր, իր բնաւորութեան բերմունքով, Վանի յեղափոխական կեանքի մէջ խլուրդի գործունէութիւն։ Ալէսը զէնքի, ռազմամթերքի մասնագէտ եւ պահեստապահ էր Արմենակի հետ։ Վասպուրական մտած հազարաւոր զէնքերն ու միլիոնաւոր փամփուշտները մէկիկ մէկիկ անցել են Ալէսի ձեռքով, մաքրուելու, դասաւորուելու եւ խնամքով պահուելու համար։ Բոլոր պահարանների տեղը գիտէր, եւ բոլորը համարեա ինքն էր շինել իր ձեռքով։
Առաւօտեան վաղ, երբ խումբը հասնէր որեւէ տեղ, թէյ խմած կամ առանց թէյի՝ Արմենակի հետ պիտի շտապէին իրենց բոյնը (<i>Դրախտը</i>) առձեռն պահարանից զէնքեր հանելու, մաքրելու, նորոգելու եւ դասաւորելու համար։ Խուլ մի տան մէջ, ներսով ներս, արեւից եւ լոյսից զուրկ այդ խլուրդային կեանքը խորապէս ազդեց նրա ֆիզիքականի վրայ։ Այժմ նա տառապում է լեղիի քրոնիկական հիւանդութիւնից։ Բնականից սակաւախօս եւ լռակեաց՝ սովորական մարդու տպաւորութիւն է թողնում առաջին պատահողի վրայ, իսկ շատերի էլ ուշադրութեան չէ արժանանում․ միշտ հայեացքը դէպի վար, եւ միշտ կարծես ինչ որ դաւեր է որոնում։ Չափազանց պաղարիւն, սոսկալի զգոյշ է եւ շրջահայեաց։
Երբ առաջարկում էի խումբ կառավարել, հեգնանքով ու հազիւ խնդալ բարեհաճելով կʼասէր․ «<i>Ես մէկապետ եմ՝ հազիւ ինձ կառավարեմ․ Աստուած պակաս չանի՝ խմբապետներ շատ ունինք…</i>»։
Մեղքս չթագցնեմ, ոչ ես եւ ոչ էլ մեզնից որեւէ մէկը չէր սպասում, որ Ալէսը վերջը կը դառնայ մեծ ռազմական շրջանի հմուտ զինուորական ղեկավար…
Բայց անկարելին եղաւ։ 1915ի Ապրիլեան հերոսամարտին Ալէսը Դրդանէլի շրջանապետն էր, եօթանասունից աւելի փորձ ու անցեալ ունեցող զինուորների կառավարիչ։
Կարծես դիտմամբ իր վրայ էր վերցրել պաշտպանութիւնը Վանի ամենախեղճ թաղի, որ Վանի ամբողջ յեղափոխական պատմութեան մէջ եղել է մեր միջնաբերդը։
Դա մեր չարդաղն էր, որին պիտի անդրադառնամ առանձին։
Դարդանէլի արեւելեան կողմը Այգեստանի դաշտի ամենավտանգաւոր դիրքն էր, չորս կողմը բաց, Հաջի Բէքրի զօրանոցը իր դիմաց, թրքական թնդանօթները միշտ ուղղուած իր դէմը․ բայց ոչ մի հաւար, ոչ մի խուճապ, օգնութեան ո՛չ մի ջղային ճիչ, միշտ պաղարիւն, միշտ խնայող եւ մինչեւ վերջը անխոցելի։ Դարդանէլում թշնամին չկարողացաւ բազմաթիւ յարձակումներից յետոյ մի թիզ իսկ առաջանալ։ Ալէսի շրջանն էր այդ…։
Բայց նա դարձեալ լուռ էր, սակաւախօս։ Եւ կարծեմ, Վան մտնողներից ոչ ոք իմացաւ որ Դարդանէլի պաշտպանողը Ալէսն էր։
<i>Արմենակ Շալջեան</i>․— Արհեստով ոսկերիչ է եղել։ Ընտանեկան արհեստ է․ հայրը լաւ վարպետ էր․ չորս եղբայրներն էլ իրենց հօր մօտ ոսկերչութիւն էին սովորում։ Ինչ որ ասացի Ալէսի մասին սկզբում, պիտի կրկնեմ եւ Արմենակի մասին։ Երկուսը մի խնձոր են՝ երկու կէսի բաժանուած․ միայն կարմրաթուշ կողմը Արմենակն է, ճերմակ կամ դալուկ կողմը՝ Ալէսը։
Միշտ ժպտադէմ, երեխայի պէս մաքուր, հարսի պէս ամչկոտ ու կարմրող, միշտ սիրող ընկերական փայփայանքը, միշտ պատրաստակամ եւ միշտ լռակեաց…։
— <i>Թո՛ղ Թէոս աղէն փչի, բաւական է, մեր երկուսի ներկայացուցիչը նա է։ Մեզ գործ տուէք՝ անենք… Եւ պէտք է խոստովանել, որ Թէոսը երկուսի փոխարէն էլ խօսում, արսըզութիւն եւ քէֆ էր անում</i>։
Արմենակը Սահմանադրութիւնից յետոյ գնաց Պոլիս եւ մնաց հոն։ 1910֊12 թուերին Պոլիս հանդիպեցի մեր սիրելի Արմենակին․ ծառայում էր լիմոնադի գործարանում։
Խօշ բէշից յետոյ, երբ քէֆը հարցրի, պատասխանեց․
— <i>Բօշ է, Պր․ Արամ, օրը այն օրն էր, երբ փախստական էինք Վանում։ Այժմ ամէն բան փոխուել է։ Եւ ընկեր եւ գաղափար՝ ամէն բան․ երէկուան ամենամօտ ընկերդ այժմ քու երեսին չի նայում…</i>
Բացատրում եմ, որ պայմանները փոխուել են։ Այն ժամանակ ուրիշ էր։ Մենք բացի իրարից ոչ ոք ունէինք։ Գործը՝ մէկ, ձգտումը՝ մէկ, նպատակը՝ մէկ։ Բոլորս հաւասար էինք։ Բոլորս անդրամ եւ մի ամանից կʼուտէինք։ Այժմ դիրքերը եւ տէրերը փոխուել են։
—<i>Քեզ կʼասեմ, բօշ է։ Գրել եմ, որ Ալէսը գայ, միասին գործ գտնենք, ապրինք…</i>
—<i>Չէ, Արմենակ, ինչալլահ Երկիր կʼերթանք, նորէն գործ կը լինի</i>։
— <i>Այդ ուրիշ բան է․ եթէ յեղափոխական գործ եղաւ, գլուխս նրա օղուրին է…</i>
Խե՜ղճ Արմենակ, գործ եղաւ․ մէկ էլ, թերեւս վերջին անգամ, ծառացանք թուրք բռնակալութեան դէմ քո սիրած Վանում, բայց դու չկայիր…։
<i>Ախալցխացի Հաջի Լեւոնը</i>․— Հաջի Լեւոնը Երկիր է մտել 1904ին Ֆլէի ջոջ Աղայի հետ։ Վերջինը Բուլգարիայի Ընդհանուր Ժողովին գնացող երկրորդ պատգամաւորն էր։ Վերադարձել են ձիաւոր խմբով, մեր յայտնի քիւրդվալատ Մստոյի առաջնորդութեամբ։ Լիմ գիւղի մօտ եղած կռւում Ջոջ֊Աղան սպաննւում է, եւ Լեւոնը մինակ տղաների հետ կռւում է։ Մեծ քանակութեամբ բեռներով զէնք է եղել․ ազատելով հասնում է քաղաք։
Հաջի Լեւոնը արհեստով զինագործ էր։ Քաղաքի արհեստանոցի մէջ գլխաւոր վարպետը նա էր։ Նրա հետ աշխատում էին Ալէսն ու Արմենակը, միւս Ջոջ֊Աղան եւ Վարդան֊Շահպազը։
Շատ հետաքրքիր է այդ արհեստանոցը, որ, ի հարկէ, շարժական էր եւ գտնւում էր «Ղարադաղում»՝ մեր յայտնի «Դրախտում»։ Դա ներքնայարկի մը փոքրիկ, նեղ ու երկար մառան է եղել, մի դուռն ուղղակի դէպի դուրսը, որը չէր բացւում աշխատանքների ժամանակ, եւ մի դուռն էլ դէպի ներսը, ուր կատարւում էր երթեւեկութիւնը։ Դրսի տան կից կար մի փոքրիկ պատուհան, որի վերեւի մասը շարժական պահարան ունէր՝ գործիքներն ու կիսատ մնացած զէնքերը տեղաւորելու։
Արհեստանոցում առհասարակ գիշերում էր Հաջի֊Լեւոնը։ Մառանի ներսի կիսում, վերեւի առաստաղի մօտ, շինել էր մի վերնայարկ եւ այնտեղ պառկում էր։
Շրջանի գիւղական, ինչպէս եւ կազմակերպական զէնքերը գալիս էին հոնտեղ նորոգուելու եւ յետ դառնալու։
Հաջի Լեւոնը կարողացաւ երկաթի կազմուածքով այդտեղ տոկալ միայն մէկուկէս տարի, երբ հիւանդացաւ «դեղնացաւով», ինչպէս եւ Ալէսը։ Ստիպուած եղանք արհեստանոցը փակել։ Լեւոնը երկար պառկեց Ամերիկեան հիւանդանոցում․ ոչինչ չօգնեց, ստիպուեցանք ուղարկել Կովկաս։
Հաջի Լեւոնին երկրորդ անգամ ես հանդիպեցի կրկին Վանում, 1915ին, երբ կամաւորները Վան մտան։ Առաջին մտնողներից մէկն էլ Հաջի Լեւոնն էր։ Քեռու ձիաւոր խմբի ղեկավարն էր։ Այնուհետեւ նրա խմբի գրոհների առջեւ տեղի տուեց թշնամին դէպի Ոստան, Սարէ եւ Զեյվա, ուր եղաւ հռչակաւոր ճակատամարտը։
<i>Շամիրամցի Սողոն</i>․— Ախլաթը հայ յեղափոխութեան տուել է ամենափայլուն դէմքերը՝ Սերոբ֊Փաշան, Ախլաթցի Կարապետը, Շամիրամցի Ապտոն, Զուլումաթը եւ ուրիշները։
Այս փառահեղ շարքին է պատկանում եւ մեր Սողոն՝ չինարի բոյով, շէկ աչքերով ու մազերով, սիրուն դէմքով ու վճռական հայեացքով մի տղամարդ։
Նա եղել է Ախլաթ Աշոտ֊Երկաթի թեւ ու թիկունքը, կարծեմ, մասնակցել է Սասունի վերջին (1904ի) կռիւներին, կամ այդ ժամանակ խմբով եղել է Մշոյ դաշտում․ Անդրանիկի խմբի հետ եկել է Վան այն յոյսով, որ խմբով պիտի վերադառնայ «Երկիր»՝ Ախլաթ… Եւ մեր խեղճ Սողոն շատ սպասեց…
Սողոն ինձ մօտ էր Վան։ Թիկնապահի պաշտօն էին յանձնել խեղճ Սողոյին, որ երբեք քաղաք չէր եղել եւ քաղաքի ձեւերը չգիտէր։ Իշխանն էր նշանակել ասելով․ «<i>Վստահելի եւ կտրիճ ընկեր է, մօտդ պահէ…</i>»։ Եւ իրօք անդաւաճանօրէն վստահելի ու հաւատարիմ էր։ Ամենակրիտիկ րոպէներին իսկ պաղարիւն․ միայն նրա ներկայութիւնը բաւական էր որ ամենավտանգաւոր դէպքում մինակ մնանք ամբողջ օրը։
Երբ սկսեցինք ձանձրանալ անգործութիւնից, սկսեցի կարդալ֊գրել սովրեցնել։ Երկու֊երեք ամսում այնքա՜ն սովորեց կարդալ, որ ոչ միայն լրագիրներ էր կարդում, այլեւ <i>Րաֆֆի</i>ի եւ «<i>Յառաջ</i>» գրադարանի գրքերը։
— <i>Պարոն, քո երախտիքէն ի՞մալ պիտի իլնիմ, որ դուն այս շնորհքն ուսուցիր ինձ</i>։
— <i>Սողօ՛, աղայիդ (ամուսնացած էր գիւղում) պիտի ուղարկեմ ճեմարան, որ երախտիքիցս էլնիս բիսբիթուն։</i>։
— <i>Պարո՛ն, եանի մեր Ախլաթէն ալ կրթուած մարդ պիտի լինի…</i>
Այնուհետեւ Սողոն ինձնից անբաժան էր, եւ ես վստահ էի, որ կը մնամ անվտանգ եւ անխոցելի։
1908ին Դաւիթի դաւաճանութեան օրերը մեծ խմբով գնացել էինք գաւառ,— Գաւաշ․ հեռու էր նաեւ Սողոն։ 1907ին, երբ ես արտասահման էի անցել, Արճէշցի Ալի բէյը խնդրել էր մերոնցից մի խումբ ուղարկել իր մօտ։ Ինչպէս իր տեղում տեսանք, Սողոն էր իր երկու ընկերով գնացել։ Ալի բէյի եւ Քեօռ Հիւսէին փաշայի միջեւ եղած կռուին Սողոն հրաշալի կերպով կռուել էր․ քրդերն իրենց երգերի մէջ նրա հերոսական գործերի գովքն էին արել։ Քաղաքից ինձ շուտով կանչեցին։ Որոշեցի մինակ գնալ եւ իսկոյն դառնալ։ Սողոն աղաչեց, որ նրան էլ վերցնեմ։ Պէտք չտեսայ։ Խեղճի նախազգացումը ճշդուեց։ Մի քանի օրից յետոյ ես դաւաճանութեամբ ձերբակալուեցի քաղաքի մէջ։ Սողոն մնաց Իշխանի խմբի հետ։
Խուզարկութեան բոլոր սարսափները քաշեց Սողոն, գաւառների զէնքերը լքուած ժողովրդից խլելով՝ տղաները իրանց մէջքով շալակած սարերը տարան եւ պահեցին։ Այնուհետեւ, երբ եկան վրէժի օրերը, երբ Իշխանը՝ մի բուռ կտրիճների գլուխն անցած՝ հակահարուած էր տալիս դաւաճաններին, Սողոն Իշխանի աջ թեւն էր։
Իշխանը սարսափով պատմում էր հետեւեալ դէպքը, որ տեղի էր ունեցել Հայոց Ձորի Քերծ գիւղում․
— <i>Այդ շրջանի ռէսները ժողով էին արել եւ որոշել զէնքերը տալ կառավարութեան։ Անզղի ռէսը արդէն տարել տուել էր։ Ես նստել եմ Քերծի սարը։ Սողոյին մի քանի տղայով քշեցի Անգղ՝ այդ սրիկային սատկեցնելու։ Սողոն գնաց եւ երկու ժամում գործը լմնցնելով՝ եկաւ։ Մտաւ Քերծ հանգստանալու եւ նոր ծրագիր կազմելու։ Գիւղացիք հացի պատրաստութիւն էին տեսնում։ Սողոն՝ կողքից կախած քրտական կաման՝ մաքրում էր, որ թութուն բրդի դրանով։ 45֊50 տարեկան մի գիւղացի ծերունի, որ մօտը նստած նայում էր, ասաց․
— Ի՞նչ ես անում, Պր․ Սողօ՛։
— Դանակս կը սրեմ, դաւաճանների գլուխը կտրելու համար, Ձեր երկիրը հու հու (երբեք) ռէս չպիտի թողնեմ։</i>
Գիւղացին այլայլուեց եւ վեր կացաւ, կամացուկ քաշուեց։ Երկու ժամից յետոյ լուր բերին, որ այդ գիւղացին դաշտ գնալու ժամանակ սայլի մէջ յանկարծամահ է եղել Սողոյի սարսափից։
Այդպէս մնաց մինչեւ թրքական Սահմանադրութիւնը։ Այդ տարիները նա անխոնջ աշխատում էր իր շրջանի գիւղերում դպրոցներ բանալու։ Որդին դեռ փոքր էր, բայց եղբօր որդուն՝ Մուշեղին, եղբօրը՝ Տիգրան֊Շահպազին եւ Սերոբի երկու որդիներին Վան բերինք ու դպրոց դրինք։ Այնուհետեւ Ռոստոմը տարել էր նրանց Կարին․ մեծացել, լաւ տղաներ էին դարձել, բայց մեծ փոթորիկը նրանց էլ տարաւ։
Սողոն 1915ի դէպքերի ժամանակ զինուորագրուած էր թրքական բանակում, ծառայում էր Դատուանում։ Վանի դէպքերից յետոյ նրան դաւաճանութեամբ սպաննել են եւ այդ պատճառով Ախլաթը հարկաւոր եւ իրեն վայել դիմադրութիւն ցոյց չտուեց, որի հետեւանքով շատ քիչ ժողովուրդ ազատուեց։
<i>Սուրիջի Դաւիթ</i>․— Իսկ մենք կոչում էինք «Ծուռ» եւ իրօք ծուռ էր։ Վախ, զգուշութիւն ասած բառը չկար նրա բառարանի մէջ։ Բնիկ Ալքանաղցի էր՝ հաստատուած Վան․ ծառայել էր կառավարութեան փոստի մէջ, իբրեւ ձիաւոր փոստ փոխադրող։ Այստեղ վարժուել էր դիմացկունութեան։ Եղել էր զինուոր Վազգէնի ժամանակ։ Վարդգէսի ժամանակ Կառկառցի Եղիշի հետ եղել էր նրա անբաժան ընկերը եւ պաշտպանը։ Լաւ եւ նուիրուած յեղափոխական զինուոր էր։ Սպաննուեցաւ մի անարժան մահով՝ եղբայրասպան կռուի մէջ։
Սրա մասին ընդարձակ կենսագրական ունիմ գրած «<i>Դրօշակ</i>»ի 1912ի թիւ 2ում։
<i>Ալւարինչցի (Մուշ) Էսյտօ֊Պօղոսը եւ Վարդանը</i>․— Ես դիտմամբ եմ կանգ առնում Սէյտոյի եւ նման երկու տիպերի վրայ։ Թէեւ նրանք իրենց յեղափոխական գործերը կատարել են Մուշում կամ ուրիշ վայրեր, բայց ժամակաւոր կերպով եղել են Վանում։ Սրանք որոշ տիպի մարդիկ էին։ Ունէին ինքնատիպ հոգեբանութիւն։ Ես կʼուզենայի այդ տիպերից երկուսին ցուցադրել։
Սէյտօ֊Պօղոսն ունէր եւ մի անբաժան ընկեր,— Ալւարինչցի Վարդանը։ Չգիտեմ ոնց է եղել, որ սրանք բաժանուել են։ Վարդանը 1903ին Կայծակ Վաղարշակի եւ Թումանի հետ Սասունից եկել էր։ Կարծեմ՝ Վաղարշակը բերել էր իբրեւ վստահելի զինուոր ընկեր։ Նրան տեսայ եւ ծանօթացայ Ղարսի շրջանում եւ Վանում հանդիպեցի Սէյտոյին․ նոր հասկացայ, որ մի խնձոր էին՝ երկուսի կիսուած։
Ղարսում շատ մօտ էի Վարդանին․ նա միշտ տխուր էր, երազուն ու մտածկոտ։ Իբրեւ Սասունից եկած հազուագիւտ հիւր, ամէն դիւրութիւն տուել էինք․ լաւ հագնւում էր, առատ ծախսում, ժողովրդական հիւրասիրութիւն եւ ոգեւորութիւն էր վայելում։ Ղարսի լաւ օրերն էին․ Վարդանը միշտ տխուր էր։ Մի անգամ, երբ Սասունից պատմութիւններ էի անել տալիս, հարցրի թէ ինչո՞ւ տխուր էր։
— <i>Ի՞նչ գիտնամ, պարո՛ն, իմալ քօռցայ, ընգերտանք թորկի իկայ․ ե՞րբ պիտի ճամբէք Երկիր</i>։
Խե՜ղճ Վարդան, հիւանդ էր «հայրենիքի վշտով»… Երբ գարունը բացուեց, Վաղարշակի լաւ խմբի հետ ճամբեցինք․ հերոսական կռիւ էին ունեցել սահմանագլխում — Զեյվանի բերդի վրայ, ուր ամէնքն ընկան՝ ե՛ւ Վաղարշակը, ե՛ւ Ռուս֊Գէորգը, մի հրաշալի, մի գարուն երիտասարդ… Միայն հրաշքով ազատուել էր Վարդանը…
Երբ վիրաւոր վիճակով, բայց ոտքի վրայ դարձաւ Ղարս, 10 օրից յետոյ, անճանաչելի էր դարձել։ Հարկ եղաւ յիշեցնել ինձ, որ Ալվարիչցի Վարդանն է…
Նոյնն էր եւ Սէյտօ֊Պօղոսը։ Դեռ պատանի հասակում Վարդանի հետ եղել է իրենց գիւղի ըմբոստը, ինչպէս մշեցին է ասում․ «<i>Հլա կուսակցութիւն չըկէր պարո՛ն, մենք յեղափոխական էնք</i>» — այսինքն՝ դեռ կուսակցութիւն չկար, մենք ըմբոստ էինք քիւրտի եւ թուրքի դէմ։
Այնուհետեւ Սէյտօ֊Պօղոսը եղել է Մշոյ դաշտի եւ Սասունի բոլոր կռիւներին մասնակից, եւ պատուաւոր, գործօն մասնակից…։
Անդրանիկի հետ եկել էին Վան եւ մխուել մնացել էին․
— <i>Մեռցուցէ՛ք, արտասահման չիմի երթա՛յ․ պիտի ճամբէք զիս երկիր…</i>
Իսկ Երկիր զինուորական ոյժ ճամբելը արգիլուած էր․ Գէորգ֊Չավուշը մի խմբով հազիւ էր կարողանոմւ ապրել Մշոյ դաշտում։
Տխուր, վշտահար, թեւաթափ, իբրեւ վանդակի մէջ բանտարկուած արծիւ, նստում էր, ծխում ու Երկիր էր երազում։
— <i>Պարո՛ն, վալլահ, պիլլահ, թալլահ, պիտի թորկես, որ Երկիր երթամ</i>…
Խեղճը շատ սպասեց, բայց անհնար եղաւ։ Ստիպուեցաւ, վերջապէս, անցնիլ Կովկաս։ Լաւ ժամանակ էր հասել։ Հայ֊թրքական ընդհարումներն էին․ Դաւալուի շրջանում Սէյտոն հրաշքներ էր գործել միս֊մինակ։
Բայց Երկիրը քաշել էր․ կարծեմ Կորիւնի հետ մի փոքրիկ խմբով, Կարսի գծով, 1907ին անցել էր Մուշ…
Եւ այնտեղ զոհ գնաց Զաւէնի եւ Ջնդոյի հետ Ղասըմ բէկի դաւադրութեան։ Նա հայ֊քրդական եղբայրութեան երեք զոհերից մէկն էր… Հերոսաբար ապրեց, բայց անփառունակ մեռաւ․ նամարդները կտրիճին քունից էին զարթեցրել եւ գողի պէս, մութի մէջ, զարկել էին…
<i>Զաքարիա Չաւուշ, Իսմայիլ օնբաչին, Սամսոն, Ազատ, Ասորի Սահակ, Խումոչ, Ջաֆար, եւայլն</i>։
Մի քանի խօսք էլ պիտի ասել փախստական ինտերնացիոնալի մասին։
Արդէն ասել եմ, որ ամէն ազգ եւ ազինք ներկայացուցիչներ ունէին մեր կազմակերպական, զինուորական շարքերում, այն էլ փախստական։
Սասունցիներն երբ Վան էին եկել, նրանց հետ արդէն կային մի քանի թուրք զինուորներ՝ Զաքարիա Չաւուշը, Սամսոնը, եւայլն։ Դրանք միացել էին մերոնց՝ Սասունի ապստամբութեան ժամանակ։ Առաջ էլ նման դէպքեր տեղի էին ունեցել։ Ի՞նչն էր արդեօք դրդել թուրք զինուորներին, որոնք մեծ մասամբ Պոլսոյ եւ ծովափնեայ շրջաններից էին, ուրեմն աւելի կրթուած եւ խելահաս, քան բուն Հայաստանի թուրքերը,— յարելու հայ յեղափոխականների կողմը, դա մի բարդ հոգեբանական հանգոյց է ինձ համար, որն լիովին դեռ չեմ հասկացել, բայց պիտի փորձեմ բացատրել…
Որ թուրք ռեժիմը սոսկումներ ունէր ե՛ւ իր՝ բուն թուրք ժողովրդի համար, այդ անկասկած էր։ Որ թուրքերի մէջ դժգոհութիւններ կային, այդ էլ անկասկած էր։ Որ այդ դժգոհութիւնը աւելի շատ էր զինուորականութեան մէջ, դրա ապացոյցը տուաւ թուրք յեղափոխութիւնը, որ զուտ զինուորական էր։
Ըմբոստ զինուորները բնականօրէն մտածում էին, որ իրենց ապաստան կարող են տալ միայն հայ յեղափոխականները, որոնք «բախտով» (տղամարդու իմաստով) մարդիկ են, «բէբախտութիւն» (դաւ) չեն անի։ Այն ինչ՝ նրանք բազմաթիւ փաստեր ունէին, որ քիւրտերի ձեռքն ընկնողը կենդանի չի մնում — կամ սպաննւում է, կամ ձերբակալւում եւ յանձնւում կառավարութեան։
Ուրեմն, ռեժիմի դէմ ըմբոստանալն էր գլխաւոր դրդապատճառը նրանց փախուստին եւ մեր կողմ յարելուն, իբրեւ կառավարութեան դէմ ըմբոստացածների։
Փախչողների մէջ կային գաղափարական մարդիկ, բայց մեծամասնութիւնը ռեժիմի խստութիւնը չհանդուրժելով՝ անցնում էր մեր կողմը՝ փրկուելու յոյսով։
Մեր ընդունելու պատճառներն էլ պարզ էին․ նախ դա մեծ պրոպագանտ էր բանակի մէջ։ Դրանց նամակներ էինք գրել տալիս իրենց ընկերներին։ Եկողներից իմանում էինք կառավարութեան զինուորական գաղտնիքները, պատրաստութիւնները, մտադրութիւնները։ Իբրեւ փորձ զինուորներ, որոնք գիտէին թուրք բանակի բոլոր պայմանական նշանները, կռուի ժամանակ շատ էին օգտակար լինում իրենց ցուցմունքներով։ Սասունի ապստամբութեան ժամանակ այս դերը յաջողութեամբ կատարեցին։
Կայ եւ ընդունելութեան աւելի իրական պատճառ։ Իրենց հետ նրանք բերում էին շատ անգամ մի երկու եւ է՛լ աւելի հրացան։ Իսկ կառավարման հրացանը թանկարժէք բան էր մեզ համար, որ ամէն դիւրութիւն պատրաստ էինք տալու բերողներին։
Զաքարիա Չաւուշը Սասունից էր եկել, Դատուանում բռնուել էր, Վանի բանտից նորից փախել էր մեզ մօտ։ Բաւական կրթուած տղայ էր, գրել, կարդալ լաւ գիտէր։ Գործ էինք ածում նրան թուրքերի, քրտերի մէջ պրոպագանտ անելու համար։
Ինչպէս միւսները, նա էլ հայերէն սովորել էր ու խօսում էր ազատօրէն։ Վերջը անցաւ Կովկաս։ Հայ֊թուրքական ընդհարումների ժամանակ մերոնց հետ էր։ Ապա ազատութեան օրերին գնաց իր հայրենիքը՝ Պրուսա։
<i>Թուրք Սամսոնի</i> անունը չգիտեմ ինչ էր։ Որովհետեւ ինքն Սամսոնցի էր, անունն էլ Սամսոն էին դրել։ Արհեստով դերձակ էր։ Ամբողջ օրը կար էր անում, զինուորների համար ճերմակեղէն էր կարում, կարկատան էր անում եւայլն։ Շատ էր սիրում խմել։ Դաւիթի խուզարկութեան ժամանակ բռնուեց, մատնութիւններ արաւ, բայց որովհետեւ շատ բան չգիտէր, առանձին վնաս չհասցրեց։
<i>Իսմայիլ Օնբաչին եւ Ազատը</i>․ — Վանից էին փախել․ երկուսն էլ լաւ կրթուած ու շնորհքով տղաներ էին․ այնպիսի կարգապահ ու մաքուր նիստ ու կաց ունէին, որ իրենց հեղինակութեամբ ազդում էին եւ մեր զինուորների վրայ, որոնց ներկայութիւնը փոխադարձաբար կրթում էր նրանց։ Մերոնք իրենց լաւ էին պահում թուրքերի առաջ, իսկ նրանք էլ փոխադարձաբար։
Դրանց ամէնքին ուղարկեցինք արտասահման, մի երկու տարուց յետոյ։
<i>Ասորի Սհակը եւ Խումոչը</i>․ — Վանի շրջանի ասորի գիւղերից էին։ Պէտք է խոստովանիլ, որ Վանի շրջանի ասորիները ո՛չ մի տարբերութիւն չունէին հայերից, բացի ընդհանուր ազգային տարբերութիւններից եւ մի՛ քանի բնաւորութեան առանձնայատկութիւններից։ Նոքա ամէնքն էլ կազմակերպուած էին Հ․ Յ․ Դաշնակցութեան դրօշակի տակ, մասնակցում էին կուսակցական ձեռնարկներին, կուսակցական տուրք էին տալիս։ Ազատութեան ժամանակ մեզ հետ էին քուէարկում․ կարճ՝ նրանք մեր «ժողովուրդն» էին։ Ապրիլեան կռիւներին նոքա մեզ հետ էին, հերոսաբար կռուեցին եւ զոհեր տուին։
Ասորի Սհակը մեր զինուոր սուրհանդակ֊վազողներից էր։ Ծանօթ էր Սարայ֊Կոտոլ, Ախոռիկ֊Պայագէտ գծերին։ Սուրհանդակութիւն էր անում եւ երկրի մէջ զանազան յանձնարարութիւններ էր կատարում։ Ման էր գալիս ազատ, իբրեւ քիւրտ։
Խումոշը մի երիտասարդ ասորի էր, հազիւ 20֊22 տարեկան, գրաւուած էր մեր ֆէտայիների կեանքով։ Զինուոր էր Յարութիւնի մօտ։ Չիմացայ վերջը ինչ եղաւ։
Քրտերի մասին, որոնք ծառայել են իբրեւ սուրհանդակ, խօսել եմ առանձին։
<i>Փանոս Ժամհարեան</i>․ — Ունէինք մի քանի կիսափախստական ընկերներ, որոնց մասին Թէոսը ասում էր, — «<i>Ջանըմ, ասոնց անկողինները բանտէն տուն բերելու չէ… Միեւնոյն է, վաղը դարձեալ պիտի երթան</i>»…Այդպէս էր եւ Փանոսը, եւ սա կարծես նրա համար ճակատագիր էր։ Այս ճակատագրից նա չկարողացաւ ազատուել նոյնիսկ «<i>հիւրիէթ</i>»ի օրերին։
Արհեստով ոսկերիչ էր, բաւական լաւ վարպետ։ Սրա խանութն էլ «Դաշնակցութեան» փոստատունն էր։ Թուրք, քիւրտ սուրհանդակները, գաւառներից եկած նամակները եւ հարցումները, բոլորը դնում էին Փանոսի խանութը։ Իրիկունը ծանրաբեռնուած նամակներով (ի հարկէ, ինքը չէր վերցնում, տալիս էր աշակերտներին կամ անկասկածելի մարդկանց) գալիս էր մեզ մօտ, բերելով շուկայի բոլոր նորութիւնները։
Գիշերները միշտ համարեա մեզ հետ պտտում էր զինուած՝ առաւօտը քաղաք իջնելու պայմանով։
Վերջը, երբ լայն փախստական դարձաւ եւ ընտանիքով ծանրաբեռնուած էր, անցաւ Կովկաս՝ Բագու, ուր աշխատում էր եւ կուսակցութեան գործերի մէջ, մի երկու անգամ փախստական եղաւ․ հազիւ միջամտութեմմբ ազատեցինք։
Աստղով մարդ է, կարողանում է իր շուրջն ընկերներ հաւաքել․ Թէոսի եւ Ալէսի խմբի տղաներից էր։
1915ի Ապրիլի կռիւներին, Սահակ բէյի շրջանապետ էր, շատ լաւ կառավարեց, բայց աւելի ինքն էր կռւում եւ աշխատում, քան միւսներին էր աշխատեցնում, Ալէսի պէս։
<i>Կարապետ Միրզոյեան</i>․ — Փանոսի նման մի տիպ էլ սա էր, սակային աւելի քիչ հեղինակութեամբ ու վարքով։ Արհեստով երկաթագործ էր։ Փախստական էր իմ ժամանակ, գործակատարի դեր ունէր։ Տներ էր պատրաստում, խմբերին առաջնորդում էր տնից տուն, կապ էր պահում խմբերի միջեւ եւայլն։
Սրանց ընտանիքը մեծ դեր է կատարել Վանի յեղափոխական պատմութեան մէջ։ Սա այն ընտանիքներից է, որ մեծով֊փոքրով, տնով֊տեղով տրամադրելի էին յեղափոխական գործունէութեան։
Առանձին դեր է կատարել մանաւանդ նրա քոյրը, Համասփիւռ Միրզոյեանը, որ իմ ժամանակ ուսուցչուհի էր քաղաքում եւ այն օրերը միակ յեղափոխական աղջիկն էր։ Նրա հետ էր եւ մասամբ Վազգէնի փոքրիկ քոյրը։ Օր․ Սաթենիկը (նոյնպէս ուսուցչուհի)։ Համասփիւռի շնորհիւ կանանց շրջանում բաւական պրոպագանտ եղաւ, եւ կամաց կամաց շան գնահատելի ուժեր ունեցանք նաեւ կանանց մէջ։
Մանաւանդ 1908ին, «<i>Հուրիէթ</i>»ից մի քիչ առաջ, Դաւիթի խուզարկութեան ժամանակ, երբ մեզ բռնեցին եւ ընկերները լեռ քաշուեցին, քաղաքում մնացել էին միայն կին գործիչները։
Համասփիւռը Ալեքսանեան երկու քոյրերի հետ, որոնք նոյնպէս շատ գաղափարական եւ յեղափոխական աղջիկներ էին (Աղաւնի եւ Գինաբեր), շարունակում էին յեղափոխական գործը։ Նամակներ էին գրում գաւառի ընկերներին, կապ էին պահում խմբերի հետ, թռուցիկներ էին հրատարակում եւայլն, միշտ լինելով տներից դուրս արուելու սպառնալիքի տակ։
Համասփիւռը «Հուրիէթ»ին Պոլիս գնաց, «<i>Դպրոցասէր Տիկնանց Միութեան</i>» վարժապետանոցը։ Սովորեց եւ յետոյ, իբրեւ ուսուցչուհի, աշխատում էր Պոլսոյ շրջանի դպրոցներում։ Ապա 1916ին անցաւ Կովկաս՝ որբանոցում աշխատելու։
Համասփիւռի, Օր․ Զարուհի Շալջեանի, Օր․ Նալբանդեանի, Տ․ Սողոմէ Ջրբաշխեանի շնորհիւ էր, որ Վանում, ազատութեան օրերին, կազմուեց «<i>Վասպուրականի Կանանց Միութիւնը</i>», որ մեծ զարկ տուեց Վանի կանանց զարգացման եւ յառաջադիմութեան գործին եւ միշտ եղաւ զօրավիգ մեր կուսակցութեան գործունէութեան, թէեւ միութիւնը մեծ դեր կատարեց եւ Ապրիլեան կռիւներին։ Գաղթի ժամանակ Երեւանում բացեց Վասպուրականի կարուձեւի ու շքեղ ձեռագործի արհեստանոց, որի աշխատութիւնները տարածուեցին Բագու, Թիֆլիս, Մոսկուա եւ նոյնիսկ Լոնտոն, իբրեւ նուրբ եւ շնորհքով բանուածքներ։
<references/>