Changes

Ադամի ընտանիքի արխիվը

Ավելացվել է 114 631 բայտ, 12:02, 4 Հունիսի 2016
/* Երկու հատված արգելված գրքից, որի վերնագիրն է «Պատմահայեցողություն կամ պատմության ընդհանուր ակնարկ» */
==Մաթուսաղացի Մաթուսաղայի օրագիրը==
::::::::::Առաջին հատված
Կեսօրին տեսա, թե ինչպես օրիորդ Ցիլան անցավ պալատիս գլխավոր դարպասների առջևով միայն մի ծառայի ուղեկցությամբ, որովհետև նրա ընտանիքը ո՛չ անվանի է և ո՛չ էլ հարուստ։ Նրա ապուապուպապ Ուցը շատ գիտուն մարդ է, բայց նրա ցեղը ոչ մի բանով փառաբանված չէ։ Նրանք կռապաշտներ են, աղոթում են Բաաղին, այդ պատճառով էլ օրենքը նրանց զրկում է որոշ իրավունքներից ու արտոնություններից։ Այս օրիորդը շատ գեղեցիկ է, նույնիսկ ավելի գեղեցիկ, քան մինչ այդ ինձ թվում էր։
Տասներորդ օր։ Այսօր ամբողջ քաղաքը դուրս էր թափվել փողոցները, պարիսպների վրա, տանիքներին և ամենուր, որտեղից երևում էր հեռուն, որպեսզի տեսներ իավալիտների նշանավոր ցեղի այստեղ եկած վայրենիներին, որոնք բնակվում են ոչ տներում, այլ վրաններում, և անօրեն հորդաներով թափառում են հեռավոր հյուսիս֊արևելքում՝ մեր երկրի ու Նոդ աշխարհի միջև ընկած մեծ անապատներում։ Նրանք թվով քսան հոգի են, մեծ ու փոքր զորապետներ՝ բազմաթիվ ծառաներով, բոլորն էլ բարբարոսական շքեղությամբ զարդարված երկսապատ ու միասապատ ուղտեր հեծած, եկել են, որպեսզի իրենց հնազանդությունը հայտնեն իմ հորը նրա հետ հաշտության պայմանագիր կնքեն։ Նրանք կստանան ապրանքներ, մանր֊մունր զարդեր, հողամշակման գործիքներ, իսկ փոխարենը խոստանում են ավազակություն չանել ճանպարհների վրա և ձեռք չտալ մեր քարավաններին ու մեր վաճառականներին։ Յուրաքանչյուր հիսուն֊վաթսուն տարին նրանք այդպիսի դեսպանություն են ուղարկում մեզ մոտ, իսկ հետո պայմանագիրը խախտում և նորից անկարգություններ են անում։ Բայց միշտ չէ, որ մեղքը նրանցն է լինում։ Նրանք խոստանում են ապրել իրենց հատկացված մարզերում և զբաղվել խաղաղ արհեստներով ու հողագործությամբ, բայց նրանց կառավարելու ուղարկվող գործակալներն ամեն կերպ նրանց խաբում ու կեղեքում են, տեղափոխում ուրիշ, ոչ այնքան լավ կացարաններ, իսկ արգավանդ հողերն ու հարուստ որսահանդակները նրանցից խլում են, դիմադրելու դեպքում էլ՝ գնդակահարում, ուստի և գիշերով ապստամբում են և սպանում բոլորին, ով ձեռքներն է ընկնում, որպեսզի վրեժ լուծեն գործակալների դավաճանության ու ամբարտավության համար։ Այդ ժամանակ մեր բանակներն արշավանքի են ելնում նրանց բնակավայրերն ամայացնելու համար, բայց այդ բանը նրանց չի հաջողվում։ Այսօր եկած դեսպանները շրջում էին քաղաքում, դիտում նրա հրաշալիքները, սակայն ո՛չ բացականչյություններով և ո՛չ էլ այլ կերպ չէին արտահայտում իրենց հիացմունքը։ Հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ շատ սիրալիր ճառեր ասացին, և խնջույքից հետո դեսպանները հետ ուղարկվեցին բազմաթիվ նվերներով, որ մեծ մասամբ հողամշակման գործիքներ էին, որոնցից նրանք զենք կկոփեն և կապստամբեն իրենց կեղեքողների դեմ։ Անբասիր քաջեր են նրանք, տեսքով վայրենի, դեմքով կատաղի։ Բայց նրանց ցեղը և այդպիսի մյուս ցեղերը ասես կողը խրված փուշ էին իմ հոր և նրա խորհրդի համար։ Նրանք աստված չունեն, իսկ եթե մենք բարեսրտությամբ նրանց մոտ քարոզիչ ենք ուղարկում, որպեսզի նրանց համոզի կանգնել ճշմարիտ ուղու վրա, քարոզչին հարգարժան կերպով լսում են, իսկ հետո՝ ուտում, և այս բանը խանգարում է, որ նրանց մեջ շողա հավատո լույսը։   ==Երկրորդ հատվածը Մաթուսաղայի օրագրից==  Տասներորդ օր։ Շատ ժամանակ չի պահանջվում, որպեսզի խելքով չփայլող մարդիկ տարվեն մի որևէ նորույթով։ Երկու տարի էլ չի անցել այն ժամանակվանից, երբ կրկին հիշեցրին ինչ֊որ հնամենի գնդակախաղ, բայց արդեն գործածության մեջ են մտել խաղի կանոններից փոխառված բառեր, թեև, ճշմարիտն ասած, բանական և ավելի կարևոր գործերով զբաղված մարդկանց ականջները հոգնում են այդ անիմաստ շաղակրատանքից և անգթորեն ցավում։ Երբ մի մարդ իր մերձավորին խորամանկությամբ գերազանցում և նրա դժբախտությունից օգուտ է քաղում, խաժամուժը խաբվածի մասին ասում է, որ նրան «խփեցին», իսկ եթե մեկը հանկարծ ուշագրավ ու փառավոր մի գործ է կատարում, նրա մասին ասում են, որ նա «երեք դարպաս է տապալել»։ Եվ ահա, այս ամենանողկալի այլանդակությունները սանձարձակ լկտիությամբ ներխուժում են խոսքի բուն հիմքի մեջ և այլանդակում այն, ինչն առաջ ներդաշնակ էր ու գեղեցիկ։ Այսօր հորս հրամանով նրա պալատի մեծ բակում այդ մրցությունն անցկացվեց այնպես, ինչպես այն անցկացվում էր երեք հարյուր տարի առաջ։ Կարմիր հագած, կեռ մահակներով ինը մարդ ուժերն էին չափում կապույտ գուլպայավոր ուրիշ ինը մարդկանց հետ։ Այդ կապույտներից ոմանք կռացած կանգնած էին միմյանցից որոշ հեռավորության վրա և նրանցից յուրաքանչյուրը ձեռքերի ափերով հենվել էր ծնկներին և աչալուրջ առաջ էր նայում․ դրանց անվանում են «պաշտպաններ» և «դաշտայիններ», իսկ թե ինչու՝ աստված գիտի։ Ես այդ չգիտեմ և գիտենալ չեմ ուզում։ Մի կարմրոտանի կանգնել էր, գլխավերևում պտտեցնելով մահակը, որով ժամանակ առ ժամանակ հարվածում էր գետնին, հետո նորից սկսում էր պտտեցնել, իսկ նրա հետևում կանգնած կապտոտանին կռանում էր, շարունակ թքելով ափերի մեջ, և կոչվում էր «բռնող»։ Իսկ սրա ետևում կռանում էր նա, որին կոչում էին «մրցավար»։ Նա հագնված էր այնպես, ինչպես հիմա բոլորն են հագնվում, ու փայտի ծայրով ինչ֊որ բան է փորփրում, բայց, որքան ես կարողացա հասկանալ, առանց որևէ իմաստի։ Եվ նա ասաց․ «Ցածր գնդակ»։ Այնուհետև կապտոտանին գնդակը մեծ թափով նետեց ուղիղ դեպի մահակավորը, բայց նրան չդիպավ, որովհետև դիպուկ չէր նշանառել։ Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր կոչվում էին «պաշտպաններ» և «դաշտայիններ», թքեցին ափերի մեջ, կռացան ու նորից սկսեցին աչալուրջ նայել իրենց առջև։ Իսկ մահակավորը մի քանի անգամ թույլ տվեց, որ գնդակը նետեն իր վրա, բայց այնպես էր կռանում և ուղղվում, որ հարվածից խուսափում էր․ այնուամենայնիվ, մյուսները թքում էին ափերի մեջ, իսկ նա այդ միջոցին աշխատում էր մահկով հարվածել մրցավարին, սակայն իր ողբալի անշնորհքության պատճառով չէր կարողանում։ Բայց նրա ժամն էլ հասավ, և նա կարողացավ իրականացնել իր մտադրությունը՝ մահացու հարվածով մրցավարին գետին տապալել, ինչն ինձ մեծ գոհունակություն պատճառեց, թեև նա ինքն էլ փռվեց գետին՝ այս անգամ չկարողանալով խուսափել դնդակից, որը փշրեց նրա գանգը, ինչն ինձ մեծ ուրախություն ու գոհունակություն պատճառեց։ Որոշելով, որ սա արդեն վերջն է, ես հորիցս թույլտվություն խնդրեցի հեռանալու և հեռացա, թեև իմ կողքին կանգնածները մնացին տեսնելու, թե մյուսներն ինչպես են միմյանց խեղանդամելու։ Իսկ ես մի կուշտ դիտեցի այդ զվարճալիքը և այլևս չեմ գնա այն դիտելու, որովհետև հազվադեպ է հաջող հարված հասցվում․ և այդ պատճառով էլ այս խաղին պակասում է մոլեգնությունը։ Եվ, բացի այդ, այդտեղ էր Իևելը, որը ծաղրում էր ներկայիս խաղացողներին ու գովաբանում այն անպարտելի թիմերին, որոնց ինքը տեսել էր երեք հարյուր տարի առաջ և որոնց անդամները բոլորն էլ արդեն մահացել են ու փտել․ փառք աստծուն, որը միշտ բարին է կատարում։ Տասներկուերորդ օր։ Ահա արդեն քսան տարի սաստկացող այն լուրերը, թե մեր իշխանական ցեղի գլխավորը՝ երկրային տոհմերի հայր, ազնվագույն, օգոստոսափառ և հնագույն Ադամը (թող խաղաղությունը նրանից անպակաս լինի) կամք է արտահայտել այցելել իմ հորը՝ նրա գահանիստ քաղաքում, այժմ արդեն լուրեր չեն, այլ ճշմարտություն։ Արդեն մոտենում է դեսպանությունը, որը բերում է այդ լուրը։ Քաղաքում մեծ ցնծություն և ուրախություն է։ Հայրս իր առաջին նախարարին հրամայել է ամեն բան նախապատրաստել ինչպես հարկն է։ Տասներկուերորդ օր։ Այսօր եկան վստահված անձինք և լուր բերեցին, որ դեսպանությունը կանգ է առել Բալկա օազիսում՝ մեզանից հարավ տասնյոթ օրվա ճանապարհ։ Տասնչորսերորդ օր։ Քաղաքում չկա այլ խոսակցություն, քան մեծ նորությունների ու մեկ էլ դեսպանության մասին։ Արևածագին ճանապարհ ընկան հորս դեսպանորդները՝ շքեղ հագնված և ընծաներով, նրանք իրենց հետ տանում են և՛ ոսկի, և՛ թանկագին քարեր, և՛ քաղցրավենիքներ, և՛ պատվավոր հագուստներ։ Նրանք մեկնեցին փողփողացող դրոշներով ու զինվորական նվագով, և նրանց շողշողուն շարքերը իմ մոտով անցնում էին այնքան ժամանակ, մինչև որ ինձ հոգնեցրին նրանց թիվն ու աղմուկը։ Իսկ այն բազմությունը, որ աղմուկ֊աղաղակով գնում էր նրանց ետևից, և մեկ էլ տանիքներին հավաքված անբաններին ոչ մի մարդ ի վիճակի չէր հաշվելու։ Հիրավի, այսօր նշանավոր օր է։ Տասնհինգերորդ օր։ Եղա թանգարանում, որպեսզի տեսնեմ թզենու տերևներից և անմաշ տարօրինակ մորթիներից պատրաստված զգեստները, որ հին ժամանակներում մեր նախահայրերը հագել էին դրախտում։ Ինչպես նաև հրեղեն թուրը, որը եղել է հրեշտակի ձեռքում։ Այս օրերին քաղաքը առաջիկա իրադարձությունների կապակցությամբ խելահեղ վիճակում է և ասում են, թե թանգարան են թողնում միայն փոքրաթիվ հազարյակների այն բազմությունից, որն ամեն օր այնտեղ է ձգտում այդ մասունքները դիտելու։ Որպեսզի կարողանայի տեսնել, թե ինչպես են տեսնում հասարակ մարդիկ, և լսել, թե ինչպես են լսում հասարակ մարդիկ, և ազատ լինել իմ աստիճանին վայել տաղկտալի մեծարանքից, երբ ինքս եմ դառնում նայելու առարկա, ես թանգարան գնացի հասարակ մոհակի<ref>Մոհակ ― չթարգմանվող բառ է, նշանակում է մարդ, որը հասարակ արհեստավորից բարձր է․ այդքան նուրբ են եղել կաստայական տարբերությունները այն դարաշրջանում։ Ծան․ հրատարակչի։</ref> հագուստով, հետս ոչ մի ծառա չվերցնելով։ Թանգարանի ընդարձակ դահլիճներում անցուդարձ էին անում հարյուրավոր գիդեր, իսկ նրանցից յուրաքանչյուրի ետևից քայլում էին հարյուրավոր հետաքրքրասերներ, որոնց նրանք պատմում էին այդտեղ ժողովված բոլոր հրաշալիքների մասին։ Եվ ես նկատեցի, որ այդ գիդերը իրենց գանձերը ցույց են տալիս ոչ թե ինչպես պատահի, այլ խիստ կարգով, և որ նրանց խոսքը հին սովորությամբ քարացել է իբրև բառերի անփոփոխ հաջորդականություն, դարձել է միալար և զուրկ որևէ արտահայտչականությունից, ասես դա մեքենա է արտասանում։ Այն գիդը, որի ետևից ես քայլում էի, արդեն չորս հարյուր տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը, և այդ ամբողջ երկար ժամանակաընթացքում ամեն օր կրկնել էր միևնույն բառերը, այնպես որ նա այսօր իր լեզվի տերը չէր։ Հենց որ սկսում էր խոսել, միայն Աստված կարող էր նրան կանգենցնել, մինչև որ խոսքը ինքն իրեն չվերջանար։ Նրա տխմար ճամարտակությունը և փքուն ոճը մի ժամանակ գուցե և ներշնչող են եղել, բայց հիմա կարող են միայն ծաղրական քրքիջ կամ խղճահարության արցունքներ առաջացնել, այնքան որ նրանք տափակ ու անկենդան են դարձել։ Երեք անգամ ընդհատեցի այդ խղճուկ զառամյալ ավանակին, որպեսզի փորձեի նրան։ Եվ կատարվեց այն, ինչ ենթադրում էի՝ նա շփոթվում էր և ստիպված էր լինում ետ դառնալ ու նորից սկսել։ Այսպես, օրինակ, նա ասաց․ «Դիտեք սույն ահեղ զենքը՝ այն սարսափելի օրվա մռայլ մասունքը, որը դեռ բացարձակ վառվում է ագահ կրակի նման, որը Եդեմի մթին տարածությունների վրա բոսորագույն ցոլքեր են նետել․․․» Ես նրան ընդհատեցի և հարց տվեցի մի ազդու ցուցանմուշի մասին, որի վրա այսպիսի մակագրություն կար․ «Դրախտի դռան բանալու նմանակն ու պատկերը, որի բնօրինակը հանգչում է Կայենի գանձարանում, հեռավոր Ենովք քաղաքում»։ Դա խիստ շփոթեցրեց զառամյալ գիդին, նա փորձեց պատասխանել ինձ, բայց չկարողացավ, մեկ էլ փորձեց, դարձյալ չկարողացավ։ Իսկ հետո ուզեց հիշել այն տեղը, որի վրա ընդհատել էր իր ձանձրալի ճառը, բայց չկարողացավ, ու նորից ճռճռաց ամենասկզբից․ «Դիտեք սույն ահեղ զենքը՝ այն սարսափելի օրվա մասունքը, որը դեռ բոցարձակ վառվում է ագահ կրակի նման, որը Եդեմի մթին տարածությունների վրա բոսորագույն ցոլքեր է նետել․․․ Էլի երկու անգամ ես նրան ընդհատեցի, և ամեն անգամ նա վերադառնում էր իր անիծյալ «Դիտեք սույն ահեղ զենքը․․․» բառերին։ Բայց այս անգամ բազմության մեջ առաջացած ծիծաղից նա հասկացավ, որ ծուղակն է ընկել, և ցասումը համակեց նրան, ու նա հարձակվեց ինձ վրա, ասելով․ «Թեև ես անվանի մարդ չեմ, և բարձր պաշտոն չեմ զբաղեցնում, բայց վայել չէ, որ մոհակի մեկը, անքաղաքավարի մի պատանի ծաղրանքով վիրավորի իմ ծերությունը»։ Առաջին անգամ էի ես նախատինք լսում, և բարկացա, ու քիչ էր մնում ասեի․ «Ըստ օրենքի, նա, ով վիրավորում է թագավորական տան զարմին, մահվան է ենթակա»։ Բայց ժամանակին ինձ զսպեցի ու լռեցի, մտքումս որոշելով հարկ եղած ժամանակ խաչելություն տալ նրան՝ իր ամբողջ ընտանիքի հետ միասին։ Ես դեռ առիթ չէի ունեցել տեսնելու որևէ բան, նման այն հետաքրքրությանը, որով բազմությունը դիտում էր Թզենու տերևները։ Իսկ չէ որ դրանք ամենևին էլ տերևներ չեն, այլ միայն դրանց կխմաղքները, քանի որ փափկամասը ամբողջապես վաղուց փտել ու փոշիացել է, անվնաս են մնացել միայն երակները։ Կգտնվեն պարսավիչներ և կասեն, թե մեզանում միշտ էլ կլինեն իսկական դրախտային զգեստներ, քանի դեռ երկրի երեսից չեն վերացել թզենիներն ու գազանները, որպեսզի հնարավոր լինի նորոգել այդ սրբազան գանձերը։ Իսկ ես ոչինչ չեմ ասի, որովհետև այդպես ավելի խելամիտ կլինի։ Բայց ինձ համար դառն է հիշել, որ յոթ քաղաքներից յուրաքանչյուրում ցուցադրված է միակ իսկական ու չկեղծված Հրեղեն թուրը, որը մեր նախահայրերին վտարել է դրախտից։ Սա տարակուսանք է հարուցում։ Այդ միջոցին կողքիցս անցավ մի սքանչելի կռապաշտուհի ու կորավ բազմության մեջ։ Իսկ ես, երազներով ու անուրջներով տարված և կորցնելով հետաքրքրությունս ինձ շրջապատող հրաշալիքների նկատմամբ, գնացի տուն։ Քսաներորդ օր։ Երանի թե աստծու օգնությամբ շուտ գար այդ դեսպանությունը, որովհետև ժողովուրդն իսպառ գլուխը կորցրել է։ Ամբողջ քաղաքը զբաղված է այդ մեծ իրադարձության և դրա նախապատրաստության մասին խոսակցությամբ։ Սակայն դեռ շատ օրեր կանցնեն, նախքան այդ հույսերը կարդարանան։ Քսանյորթերորդ օր։ Կործանվի՛ Իսավալի սերունդը։ Չորանա՛ այն ձեռքը, որի համար քիչ էր ազնիվ երգեհոնի ու հմայիչ քնարի ստեղծումը։ Նա անհանգիստ սատանային փակեց արկղի մեջ, որպեսզի ամեն կարգի թափառաշրջիկներ, արկղի բռնակը պտտեցնելով, նրա միջից ճիչեր կորզեն, և դա անվանեն երաժշտություն։ Թեև դեռ հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակից, երբ երևան եկավ այդ նորույթը, բայց այն արդեն ժանտախտի նման տարածվել է ամենուրեք, և հիմա ամեն մի քաղաքում հեռու երկրներից եկած թափառաշրջիկները, իրենց բարեկամ կապիկի ենկերակցությամբ, պտտում են այդ սարսափելի արկղի բռնակը։ Դա դեռ տանելի կլիներ, եթե նրանք զանազան բաներ նվագեն, բայց դժբախտաբար այդ բոլոր արկղերը միայն մի երգ են նվագում՝ մի նոր երգ, որը մոդայիկ դարձավ մի երեսուն տարի առաջ, իսկ հիմա, թերևս, դուրս կգա մոդայից, խեղդվելով այն անհեթեթ հեղեի մեջ, որի մասին մարսողությունը խանգարված այդ բարեպաշտ տխմարները ժամանակ առ ժամանակ դատարկախոսում ու գուշակություններ են անում։ Ասում են, թե սպասվող տոնակատարությունները դեպի մեր քաղաքն են գրավել ավելի մեծ թվով արկղավոր թափառաշրջիկների, և որ դրանցից արդեն այստեղ եկել են առնավազն ութսուն հազար մարդ, և բոլորն անդադար պտտեցնում են միևնույն լալագին եղանակը՝ «Համբուրիր մայրիկիդ, Ագաթ»։ Ճշմարիտն ասած, ես այլևս չեմ կարողանում տանել այդ բանը, թեկուզև գետնի տակն անցներ այդ Ագաթը․ դա էլ ինձ համար քիչ կլիներ, որովհետև մեծ է իմ զայրույթն այն բանի համար, որ նա առհասարակ ծնվել է և մեր գլխին այդպիսի փորձանք բերել։ 747 թվականի վեցերորդ ամսի երկրորդ օրը։ Երեկ եկան հորս ուղարկած պատվիրակները, իսկ նրանց հետ՝ օգոստափառ դեսպանությունը։ Եվ հայրս նրանց հանդիսավորությամբ դիմավորեց քաղաքի դարպասի մոտ։ Թափորը չափազանց երկար էր, զգեստները՝ տարօրինակ, և այդ տեսարանը աչք էր շոյում։ Ամբողջ քաղաքը ցնծությունից խելագարվել էր։ Այդպիսի աղմուկ ու իրարանցում ես դեռ չէի տեսել։ Ամբողջ գիշեր ամեն մի տուն, ամեն մի փողոց ու բոլոր պալատները ողողված էին լույսերով, ռ ովքեր արևելյան հեռավոր սարերում էին եղել, ասում էին, թե իրենց թվում էր, որ առջևում ոչ թե քաղաք է փռված, այլ մի հարթավայր, ուր շաղ են տրված բազմանիստ թանկարժեք զարդեր, որոնք շողշողում և վետվետում էին, իրենց փայլով հմայելով մարդկանց։ Դեսպանը հաղորդեց իր բերած լուրը, ու այլևս տարակույս չէր մնում։ Ադամը կգա մեզ մոտ, և ժամկետն արդեն նշանակված է 787 թվականին կամ հաջորդ տարի։ Մունետիկներն այս մասին ազդարարեցին ժողովրդին, և ամբողջ քաղաքը աղմկալից ցնծում էր։ Հայրս հրամայեց սկսել նախապատրաստությունները այդքան նշանակալից իրադարձությունն ըստ պատշաճի տոնելու համար։ Իսկ այժմ կսկսվեն խաղերն ու այլ զվարճությունները՝ ի պատիվ դեսպանի, և հայրս հայտարարեց, որ երկու ամսով, քանի դեռ կշարունակվեն այդ տոնակատարությունները, ամեն մի աշխատանք դադարեցվում է։  ==Մի հատված 916 թվականի հունվարին «Ռադիկալում» տպագրված հոդվածից==  «․․․ Երբ բնակչության թիվը հասավ հինգ միլիարդի, երկրի համար արդեն հեշտ չէր մարդկանց կերակրելը։ Ճիշտ է, պատերազմները, համաճարակները և սովի տարիները ժամանակ առ ժամանակ թեթևություն էին բերում և նվազեցնում իրադրության հրեշավոր լարվածությունը։ Հիրավի, բարերար եղավ հիշարժան 508 թվականը, այն տարին, երբ սովը, ժանտախտի հետ միասին, ինն ամսվա ընթացքում հնձեց հարյուր վաթսուն միլիոն մարդ․ շատ չէ, իհարկե, բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան եթե ոչինչ չլիներ։ Նույնը կարելի է ասել նաև հետագա այդպիսի տարիների մասին։ Սակայն դարեդար բնակչության թվի առաջացրած բեռը գնալով ավելի ու ավելի էր ծանրանում, դառնում ավելի ու ավելի ահեղ, և, դրան համապատասխան, անդիմադրելիորեն աճում էր դրության լրջությունը։ Մանկական հասակն անցկացրած մարդիկ համարյա չէին մահանում։ Կյանքի միջին տևողությունը հավասար էր վեց հարյուր տարվա։ Օրորոցներն անդադար ու անժամկետ շարունակ լցվում, լցվում ու լցվում էին, գերեզմանատները գործնականորեն թափուր էին,գերեզմանափորներն անգործության էին մատնված և հազիվ էին կարողանում կերակրել իրենց ընտանիքներին։ Մահացությունը մեկ միլիոնի հաշվով կազմում էր 2250 մարդ։ Խելամիտ մարդկանց դա վախեցնում էր, թեթևամիտները դրանով ուրախանում էին։ Նրանք միշտ բնակչության թիվը ընթացիկ տասնամյակում համեմատում էին նախորդ տասնամյակում եղած նրա թվի հետ և ուրախանում վիթխարի աճով, ասես թե դա տեղի էր ունենում հօգուտ մարդկության, որն առանց այդ էլ հազիվհազ էր կարողանում հողից բավականաչափ սնունդ կորզել։ Բայց վատթարը դեռ առջևում էր։ Բնականաբար, մենք հույս էինք դնում ոչ թե պատահական համաճարակների ու սովի տարիների բարերար ազդեցության վրա, քանի որ դա միայն կարճատև էր լինում, այլ պատերազմների ու բժիշկների փրկարար օգնության վրա, ոըը մշտական էր։ Ուրեմն տեսնենք, թե ինչ էր կատարվել։ Վերջին հիսուն տարում գիտությունը բժիշկների արդյունավետությունը կրճատել է ուղիղ կիսով չափ։ Ներկայումս բժիշկը օգտագործում է միայն մեկ մահաբեր միջոց, մինչդեռ առաջ նա գործադրում էր տասը։ Սանիտարական պայմանների բարելավումը առողջացրեց անցյալում կործանարար բնագավառները։ Հայտնագործվեց, որ առավել օգտակար և անբուժելի հիվանդությունների մեծ մասը հարուցվում է զանազան տեսակի մանրէների միջոցով, և մարդիկ սովորեցին վնասազերծել այդ մանրէների գործունեությունը։ Դրա հետևանքով դեղնախտը, սև ժանտախտը, խոլերան, դիֆտերիան և համարյա բոլոր մյուս ամենաօգտակար հիվանդությունները վերածվել են ժամանցի, որի շնորհիվ կարելի է ոչ առանց բավականության անցկացնել մեկ֊երկու ժամ, և պետության համար այլևս ոչ մի արժեք չեն ներկայացնում, դառնալով ոչ ավելի վտանգավոր, քան ստամոքսի խանգարումը։ Վիրաբուժության հիանալի նվաճումները մեծացրին մեր դժբախտությունը։ Այժմ հիվանդ ստամոքսը ուղղակի հեռացվում է, և մարդ իրեն հիանալի է զգում, էլ չենք ասում ուտելիքի խնայողության մասին։ Եթե մարդ զրկվում է տեսողությունից կամ լսողությունից, նրա գանգը ծակում և կորցրածը վերադարձնում են։ Նրա ձեռքերն ու ոտքերը կտրում են և դրանք փոխարինում մեխանիկական իրերի պահեստից վերցված ուրիշ ձեռք ու ոտքով, և նա սկսում է վազել ու աշխատել առաջվանից ավելի լավ։ Եթե պահանջվի, նրա համար կպատրաստեն նոր քիթ, նոր աղիքներ, նոր ոսկորներ, նոր ատամներ, ապակյա աչքեր, արծաթե կերակրափող, կարճ ասած՝ նրան կարող են քանդել ըստ բաղկացուցիչ մասերի և նորից հավաքել, այնպես որ նա կդառնա կրկնակի ամուր ու դիմացկուն։ Այս ամենը կատարվում է անզգայացնող և ցավազրկող միջոցների գործադրմամբ, այնպես որ նրան չի սպառնում ո՛չ փթախտ, ո՛չ ցավ։ Դա պատերազմը դարձրել է համարյա թե անօգտակար, որովհետև հարյուր վիրավորից, որոնք առաջ կմեռնեին, հիմա իննսունինը մեկ ամսից հետո ողջ և առողջ շարք են վերադառնում։ Իսկ ինչպիսի՞ն է մանրէների դեմ մղվող այդ պայքարի, սանիտարիայի և վիրաբուժության ընդհանուր արդյունքը։ Միանգամայն սարսափելի է․ Մահացությունը նվազելով հասել է մեկ միլիոնի Հաշվով 1200 մարդու։ Եվ տխմարները դրա համար ուրախանում են ու դրանով հպարտանում։ Մինչդեռ վիճակը շատ լուրջ է։ Եթե այդպես շարունակվեց, երկրագնդի բնակչությունը մեկ տարվա ընթացքում կկրկնապատկվի։ Եվ կգա ժամանակ, երբ մարդիկ ոչ թե նստելու, այլ կանգելու տեղ էլ չեն ունենա։ Իսկ ո՞րն է ելքը։ Ես չգիտեմ։ Կյանքի տևողությունը չափազանց երկար է, մահացությունը՝ չափազանց ցածր։ Կյանքի միջին տևողությունը հարկավոր է սահմանել երեսունհինգ տարի՝ մի կարճատև ակնթարթ, մահացությունը հասցնել մեկ միլիոնի հաշվով 20000 ― 30000 մարդու։ Բայց նույնիսկ այդ դեպքում էլ բնակչության թիվը կկրկնապատկվի յուրաքանչյուր երեսունհինգ տարին մեկ, և ժամանակի ընթացքում այն նորից անասելի չափերով կաճի ու կյանքի պահպանությունը կդժվարանա։ Ուրեմն, պատիվ մատուցեք նրան, ով այդ պատվին արժանի է։ Բժիշկը մեզ հուսախաբ արեց, բայց պատերազմը փրկեց։ Ճիշտ է, սպանվածների ու վիրավորների թիվը չափազանց աննշան է, որպեսզի կարողանա էական ազդեցություն գործել վիճակի վրա, սակայն պատերազմի հետևանքները՝ թշվառությունը և ավերածությունները, ոչնչացնում են միլիոնավոր մարդկանց, տեղ ազատելով ներգաղթողների համար։ Պատերազնը կոպիտ, բայց հոգատար բարեկամ է։ Այն թույլ չի տալիս, որ մեր թիվը վաթսուն միլիարդից անցնի, և պահպանում է թերսնվող մարդկության կյանքը։ Ավելի մեծ թվով մարդկանց երկրագունդը կերակրել չի կարող․․․»  ==Աշխարհի արարչագործումից հետո 920 թվականին== ==Երրորդ աստիճանի ազգակցության տիկնոջ օրագրից==  Այսօր ընդունեցի Խելահեղ Մարգարեին։ Նա լավ մարդ է, և իմ կարծիքով, նրա խելքը շատ ավելի բարձր է իր համբավից։ Նա այդ մականունն ստացել է շատ վաղուց և միանգամայն անարժան կերպով, որովհետև նա պարզապես կանխատեսումներ է կազմում, այլ ոչ թե մարգարեություն անում։ Նա դրան չի էլ հավակնում: Իր կանխատեսումները նա կազմում է պատմության և վիճակագրության հիման վրա, օգտագործելով անցյալի փաստերը, որպեսզի գուշակի, թե, ամենայն հավանականությամբ, ինչպիսին կլինի ապագան։ Կիրառական գիտություն և միայն այդքանը։ Աստղագետը գուշակում է խավարումը, բայց դա դեռ չի նշանակում, թե նա իրեն մարգարե է համարում։ Նոյը, ահա՝ մարգարե է, և ոչ ոք ավելի մեծ հարգանք չի տածում նրա և նրա սրբազան ձիրքի նկատմամբ, քան այս համեստ գիտնականը, որը կանխատեսումներ է կազմում և համադրում է հնարավորինն ու հավանականը։ Խելահեղ մարգարեի կամ Խելահեղ Իմաստասերի հետ (նրան անվանում են և՛ այսպես, և՛ այնպես) ես ծանոթացա երրորդ դարի սկզբին, երբ նա դեռ սովորում էր համալսարանում։ Այն ժամանակ տասնինը կամ քսան տարեկան էր։ Ես միշտ նրա նկատմամբ բարեկամական զգացումներ եմ տածել, մասամբ, հասկանալի է, այն պատճառով, որ նա իմ ազգականն է (թեև հեռավոր), բայց գլխավորապես այն պատճառով, որ նա խելոք է և ազնիվ։ Նա մտադրվեց ամուսնանալ, երբ քսանչորս տարեկան էր, և երբ, ըստ էության, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտրյալը չէին կարող իրենց թույլ տալ մի այնպիսի շքեղություն, ինչպիսին ամուսնությունն է, որովհետև նրանք աղքատ էին, և նրանց ծնողներն էլ էին տառապում այդ նույն թերությամբ։ Երկու ընտանիքներն էլ բավականաչափ հարգարժան էին և նույնիսկ հեռավոր ազգակցական կապեր ունեին ավագանու հետ, բայց, ինչպես Ադամն էր ասում, «սոխակին հարգարժանությամբ չես կերակրի», և միայն այդպիսի ունեցվածքով ընտանեկան կյանք սկսելը խելամտություն չէր լինի։ Ես նրանց խորհուրդ տվեցի սպասել, և իհարկե, նրանք ինձ լսեցին, քանի որ Առաջին Արյան անձի խորհուրդը, ըստ ամբողջ մարդկային ցեղի սովորության, եղել է և մնում է որպես օրենք։ Բայց նրանք չափազանց անհամբեր ճուտիկներ էին՝ միմյանց կրքոտ կերպով սիրահարված, և նրանք սպասեցին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր վարվելակարգի միայն ամենախիստ պահանջները բավարարելու համար։ Իմ հովանավորության շնորհիվ երիտասարդին մաթեմատիկայի դասատուի տեղ տրամադրվեց հենց իր համալսարանում, և այդ տեղը պահպանվեց նրա համար․ նա մեծ եռանդով աշխատում և փող էր կուտակում։ Խեղճերն այդ «կյանքի տարեկետմանը», ինչպես իրենք էին արտահայտվում, դիմացան որքան կարող էին, բայց այդպես վաթսուն տարի սպասելուց հետո նրանք, այնուամենայնիվ, չդիմացան ու ամուսնացան։ Նորահարսը մի չքնաղ մկնիկ էր՝ բարեկազմ, ճկուն, սևաչյա, հմայիչ փոսիկներով դեղձանման այտիկներով, չարաճճի, ուրախ, նազելի՝ արվեստի իսկական ստեղծագործություն, մի իսկական պոեմ։ Ծագումով նա օտարերկրացի էր և իր երակներում եղած մի կաթիլ ազնիվ արյան համար, վերջին հաշվով, պարտական էր մի անվանի մեծատոհմիկ անձնավորության՝ իշխան Պրաչկոուին, որն ապրում է այստեղից շատ միջօրեականներ այն կողմ գտնվող մի հեռավոր երկրում։ Իշխանն իմ սերնդից է․․․ անունը մոռացել եմ, բայց, համենայն դեպս, իմ դուստր Ռեգինայի տոհմի գծով է։ Ես նկատի ունեմ մեր տոհմի այն ճյուղը, որն առաջացել է Ռեգինայի երկրորդ ամուսնությունից։ Նա երրորդ պորտի եղբայրն էր․․․ ես սրա անունն էլ եմ մոռացել։ Դեռատի հարսի անունը Կարմիր Ամպիկ էր, մի անուն, որը նույնքան օտարերկրյա էր, ինչպես նրա ծագումը։ Այն, կարծեմ, ժառանգական էր համարվում։ Երիտասարդ ամուսինները աղքատության մեջ էին ապրում․ նրանք այժմ էլ են աղքատ, բայց երջանիկ են ոչ պակաս, քան շատ հարուստներ։ Իսկական կարիք նրանք երբեք չեն զգացել, քանի որ իմ հովանավորության շնորհիվ նա պահպանել է իր տեղը և նույնիսկ, ժամանակ առ ժամանակ, ստանում է ռոճիկի մի փոքր հավելում։ Նրանց խաղաղ կյանքը մռայլվեց միայն մի վշտով, որը շանթահարեց նրանց միության առաջին հարյուրամյակի վերջին, բայց մինչև այժմ էլ ցավ է առաջացնում նրանց սրտում։ Նրանց տասնվեց երեխաները զոհվեցի երկաթուղային աղետի ժամանակ։ Նախքան այսօր ինձ մոտ գալը, Իմաստասերը զննել էր այն շարժիչը, որը գործի է դրվում այդ զարմանահրաշ նոր ուժով՝ հեղուկ մտքով։ Շարժիչն ամենախոր տպավորությունն է գործել նրա վրա։ Նա ասաց, թե չի տեսնում պատճառներ, որոնք կկարողանային այդ ուժին խանգարել դուրս մղելու գոլորշին և էլեկտրականությունը, քանի որ հզորությամբ այն մի քանի անգամ գերազանցում է դրանց, համարյա թե տեղ չի գրավում և կոպեկներ արժե։ Ավելի ճիշտ, կոպեկներ արժե նրա արտոնագիրը ձեռք բերած տրեստի համար։ Դա նույն տրեստն է, որին պատկանում են երկրագնդի վրա եղած բոլոր երկաթուղիներն ու նավերը, այլ կերպ ասած՝ համաշխարհային ամբողջ տրանսպորտը։ «Հինգ տարի առաջ, ― ասաց նա, ― տգետները ծիծաղում էին այդ նոր ուժի վրա, իմաստունները մերժում էին այն, բայց այդպես է եղել ամեն մի նոր գյուտի վերաբերմամբ, և այդպես կլինի ամեն մի նոր գյուտի վերաբերմամբ՝ մինչև աշխարհի վերջը։ Եվ ինչո՞ւ մարդիկ չեն սովորում հետևություններ անել, երբ իմանում են արդյունքները։ Թվում է, թե փորձը նրանց պետք է սովորեցներ այդ բանը։ Իբրև կանոն, առաջին հայացքից անհեթեթ թվացող գյուտը ժամանակի ընթացքում դառնում է շատ ու շատ օգտակար բավական է միայն նրա մեջ կատարել այս կամ այն բարելավումը։ Հինգ տարի առաջ հեղուկ միտքը ոչ մի գործնական օգուտ չէր տալիս և միայն ցուցանմուշ էր Կայսերական ակադեմիայի տիկնանց ցուցահանդեսում։ Դրա արդյունաբերական կամ առևտրական կիրառման մասին խոսք անգամ լինել չէր կարող՝ արտադրության անչափ թանկության պատճառով, քանի որ այն ստանալու համար վաղ փուլում օգտագործվում էր պետական գործիչներից, դատավորներից, գիտնականներից, բանաստեղծներից, իմաստասերներից, ծովակալներից, գյուտարարներից և ինժեներներից ստացվող հումքը միայն, իսկ այժմ, ինչպես ասում է Մաթուսաղան, սովորել են այդ հումքը ստանալ նաև քաղաքագետներից ու ապուշներից, ըստ որում նա սովորական սարկազմով ավելացնում է․ «Բայց դա նույնաբանություն է, որովհետև քաղաքագետն ու ապուշը հոմանիշներ են»։ Ես կողմնակից եմ այն կարծիքին, որ մենք նոր ենք միայն ձեռնամուխ լինում այդ նոր, խորհրդավոր ուժի զարգացմանը։ Ես համոզված եմ, որ այսօր մեզ հայտնի ամեն ինչ դատարկ բան է դրա համեմատությամբ, ինչ կհայտնագործվի մոտակա տասնամյակների ընթացքում։ Ինչ իմանանք՝ դա չի՞ դառնա, արդյոք, հին առասպելներում պատմվող հռչակավոր ու դառնորեն ողբացվող կորուսյալ ուժը։ Ձեզ, ամենողորմածդ պայծառափայլություն, ինչպես և ամբողջ աշխարհին հայտնի են այդ առասպելները, բայց դուք չգիտեք պատմությունը։ Հենց վերջերս վերծանվեցին կրկնակի մայրցամաքում հնադարյան մի քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված կավե սալիկները, և երբ դրանց թարգմանությունը հրապարակվի, աշխարհի ժողովուրդները կիմանան, որ «բացառիկ» կոչված մի շատ հիանալի մարդ, որը հինգերորդ դարի կեսին ոչնչությունից դուրս գալով, մի քանի տարվա ընթացքում հպատակեցրել է ողջ աշխարհը և երկրային բոլոր թագավորությունները ենթարկել իր վեհապետական իշխանությանը, որն այժմ գտնվում է նրա որդու ձեռքում, իր վիթխարի աշխատությունների մեջ հենվել է ոչ միայն իր հսակայական ռազմական, պետական և վարչական հանճարի, այլև ինչ֊որ արտաքին ուժի վրա, թեև նրա տաղանդը, անկասկած, ո՛չ իրեն հավասարն ուներ, ո՛չ էլ նմանը։ Այդ ուժն առասպելներում, ռոմանտիկական գրականության մեջ և չափածոյում ստացավ Կորուսյալ ուժ անունը։ Ճիշտ է, երիտասարդ, միանգամայն անհայտ կոշկակարը կրկնակի մայրցամաքն ամայացրել է հրով ու սրով, առանց այդ ուժի օգնության, և այնտեղ գտնվող թագավորությունները հպատակեցրել, հենվելով միմիայն իր սեփական ընդունակությունների և մեկ միլիոն գեներալների հրամանատարության տակ եղած մեկ միլիարդ զինվորների վրա, գեներալներ, որոնց նա վարժեցրել էր անձամբ և որոնք ենթարկվել են միայն նրա կամքին, որ սահմանափակված չէր մինիստրությունների կամ օրենսդրական ժողովների ձանձրալի միջամտությամբ, հպատակեցրել է, կռվի դաշտում թողնելով սպանվածների ու վիրավորների սարեր։ Սակայն մնացած աշխարհը նա նվաճել է առանց արյուն թափելու, եթե չհաշվենք մի դեպք։ Հիմա, այդ կավե սալիկների շնորհիվ, գաղտնիքը բացված է։ «Բացառիկին» հայտնի է դարձել, որ ոմն Նեյպիր, ոչ անվանի, բայց շատ գիտուն մի մարդ, իր կտակի մեջ գրել է, թե իբր, ինքը գտել է մի միջոց, որի օգնությամբ կարելի է մեկ ակնթարթում ոչնչացնել մի ամբողջ բանակ, բայց նա իր գաղտնիքը չի բացահայտի, որովհետև պատերազմն առանց այդ էլ արդեն բավականաչափ սարսափելի բան է և ինքը չի ուզում նպաստել, որպեսզի այն դառնա էլ ավելի կործանարար։ Կոշկակար կայսրն ասել է․ «Այդ մարդը հիմար է եղել, նրա գյուտը առհասարակ կոչնչացնի պատերազմը», ― և հրամայել է, որ գիտնականի թղթերը բերեն իրեն։ Նա գտել է բանաձևը, այն անգիր արել, և ապա բոլոր փաստաթղթերն այրել։ Հետո նա ծածուկ ստեղծել է այդ Ուժը և, այն պահելով գրպանում, դուրս եկել միայնակ կռվելու արևելյան կիսագնդի բոլոր միապետների դեմ։ Միայն մեկ բանակ է հասցրել դուրս գալ նրա դեմ։ Վիթխարի հարթավայրում բանակը մարտակարգ է ընդունել, և նա տասներկու մղոն հեռավորությունից պայթեցրել է բանակը այնպես, որ նրանցից մնացել են միայն մի քանի կոճակ և այրված քրջեր։ Նա իրեն հռչակել է աշխարհի տիրակալ, և նրա իշխանությունը ճանաչվել է միաձայն։ Ինչպես ձեզ հայտնի է, նրա երեսնամյա թագվորությունը լիակատար խաղաղության ժամանակաշրջան է եղել, բայց հետո նա մի դժբախտ պատահականության հետևանքով ինքն իրեն պայթեցրել է իր սարքի ու իր մայրաքաղաքներից մեկի հետ միասին, և նրա ահեղ գաղտնիքը իր հետ մեռել է։ Այնուհետև նորից են սկսվել ահեղ պատերազմները, որ մինչև օրս էլ շարունակվում են որպես մարդկության պատիժ՝ նրա գործած մեղքերի համար։ Բայց նրա հիմնադրած համաշխարհային կայսրությունը իմաստության և ուժի ծնունդ էր, և այսօր նրա որդին նստած է նրա գահին նույնքան հաստատուն, ինչպես որ այն օրերին, երբ նա նոր էր գահ բարձրացել շատ դարեր սրանից առաջ։ Դա շատ հետաքրքիր էր։ Այնուհետև նա սկսեց բացատրել իր «Պարբերական կրկնությունների օրենքը», իսկ գուցե և իր «Մտավոր միջին մակարդակի մշտականության օրենքը», բայց այստեղ մեզ ընդհատեցին։ Նրան խոստացել էին ունկնդրություն Նորին Վեհության տիկնոջ մոտ, և պալատական աստիճանավորը ներկայացավ հաղորդելու, որ այդ բարձր պատիվը նրան կշնորհվի հենց հիմա։  ==Հատված մարդկության գլխավորի պարտականությունները կատարող Նորին Վեհություն տիկնոջ հետ Խելահեղ Իմաստասեր Ռեջինալդ Սելկիրկի ունեցած զրույցից==  «Մեր հիանալի քաղաքակրթությո՞ւնը։ Ես չեմ առարկում այդ մակդիրի դեմ․ դա ճիշտ է այն բնորոշում, բայց ինձ վճռականորեն դուր չի գալիս այն խոր ու ինքնագոհ հիացմունքը, որ նա ենթադրում է։ Բոլոր պատմածները, և մանավանդ ձեր պատմածները, ամենապայծառափայլ տիկին, ցույց են տալիս, որ Եդեմի լուսաշող, խաղաղ, տգետ, ոչնչով չարատավորված քաղաքակրթությունը արժեր հազար միլիոնավոր այնպիսի քաղաքակրթություններ, ինչպիսին մերն է։ Ի՞նչ է քաղաքակրթությունը, եթե այդ բառը վերցնենք իր ճշգրիտ նշանակությամբ։ Բարոյագիտական տեսակետից դա վատ կրքերի ճնշում է, բարոյական մակարդակի բարձրացում․ հոգևոր տեսակետից դա կուռքերի խորտակում է, Աստծու գահակալում․ նյութական տեսակետից դա հաց է և արդարություն հնարավորին չափ ավելի մեծ թվով մարդկանց համար։ Այսպիսին է այն սովորական բանաձևը, սովորական բնորոշումը, որ բոլորն ընդունում են լիակատար գոհունակությամբ։ Մեր քաղաքակրթությունը ուշագրավ է որոշ արտաքին ու խաբուսիկ գծերով․ ուշագրավ է գիտական ու տեխնիկական հրաշքներով, ուշագրավ է տեխնիկական հագեցվածությամբ, որը նա անվանում է զարգացում, առաջադիմություն և այլ գեղեցիկ բառերով, ուշագրավ է բնության խորհրդավոր գաղտնիքների բացահայտմամբ և նրա համառ օրենքների նկատմամբ տարած հաղթանակներով, ուշագրավ է իր չտեսնված ֆինանսական ու առևտրական նվաճումներով, ուշագրավ է դրամի ծավալով և անտարբերությամբ դեպի այն, թե ինչպես է ձեռք բերվում այդ դրամը, ուշագրավ է մասնավոր հարստությունների անասելի չափերով և այն առատաձեռնությամբ, որով դրանք նվիրաբերվում են հասարակական մշակույթի զարգացմանը նպաստող հիմնարկներին, ուշագրավ է, իր աղաղակող աղքատությամբ, ուշագրավ է այն անակնկալներով, որ նրան հրամցնում է այդ մեծ նորածինը՝ «Կազմակերպությունը», որը չարչիական բանականության ամենավերջին ու ամենազորեղ ստեղծագործությունն է, որը հրաշքներ է գործում տրանսպորտում, գործարաններում ու ֆաբրիկաներում, կապի, նորությունների հավաքման, գրքերի հրատարակման, ժուռնալիզմի ասպարեզներում, ինչպես նաև այն ամենում, ինչ վերաբերում է բանվորների պաշտպանությանը, բանվորների կեղեքմանը, բոլոր ազգային կուսակցությունների շարքային անդամների վերածմանը հլու ոչխարների, պետական ծառայության դռները ուժեղ բնավորության ու մտքի տեր անձանց առջև փակելուն կամ ծախու օրենսդրական ժողովների, շաղակրատ կոնգրեսների և քաղաքապետարանների ընտրությանը, որոնք կողոպտում են իրենց քաղաքը և կաշառքի դիմաց հովանավորում գողերին, պառնիկներին, խաղաորջատերերին ու կավատներին։ Դա մի քաղաքակրթություն է, որը ոչնչացրեց կյանքի պարզությունն ու անդորրը, նրա հանգիստը, նրա պոեզիան, նրա լուսավոր ռոմանտիկ երազանքներն ու տեսիլքները փոխարինեց դրամատենդով, ստոր նպատակներով, գռեհիկ ցանկություններով ու չթարմացնող քնով․ նա հորինեց անհրաժեշտություն․ նա հորինեց անօգուտ շքեղության բազում տեսակներ և դրանք դարձրեց անհրաժեշտություն․ նա ստեղծեց հազար տեսակ արատավոր ձգտումներ և չի բավարարում դրանցից և ոչ մեկը․ նա տապալեց աստծուն և նրա գահին բազմեցրեց շահամոլին։ Կրոնը սրտից տեղափոխվել է բերանը։ Այսպես է ասում Նոյը։ Եղել է ժամանակ, երբ վարդապետության միակ բարակ թելով միմյանցից բաժանված երկու աղանդներ կռվել են այդ թելի համար, սպանել, խոշտանգել, տանջել են դրա համար, մեռել են դրա համար։ Այդպիսի կրոնը սրտի մեջ է ապրում։ Այն անհրաժեշտ էր, այն ապրում էր, այն մարդու էությունն էր կազմում։ Ո՞վ է իր կրոնի համար կռվում այլ կերպ, քան լեզվով։ Ձեր քաղաքակրթությունը իրեն մատնել է ջրհեղեղի։ Այսպես է ասել Նոյը, և այն նախապատրաստվում է»։  ==Հատված դասախոսությունից==  Տասնութին կայացավ Կայսերական ինստիտուտի ամենամսյա նիստը։ Քառասուն անմահների տեղերը, բացառությամբ երկուսի, զբաղված էին։ Այս երեկո դասախոսություն էր կարդում պատմական կանխագուշակումների մի նշանավոր պրոֆեսոր։ Դասախոսության մի մասը նա նվիրեց Ռեջինալդ Սելկիրկի՝ նրա, ում ավելի հաճախ անվանում են «Խելահեղ Իմաստասեր», երկու օրենքներին, այն է՝ «Մտավոր միջին մակարդակի օրենքին» և «Պարբերական կրկնության օրենքին»։ Հարակից հարցերի մանրամասն տեսությունից հետո, նա ասաց․ «Ես կարծում եմ, որ այս օրենքներն ապացուցված են։ «Պարբերական կրկնության օրենքի» համաձայն ոչ մի բան չի կարող կատարվել մեկ անգամ, ամեն բան կատարվում է կրկին, կրկին ու կրկին՝ միալար ու միօրինակ։ Բնությունը ինքնատիպ չէ՝ ես ուզում եմ ասել, որ նա համարյա չի կարողանում նոր առարկաներ, նոր գաղափարներ, թատերական նոր տպավորություններ ստեղծել։ Նա ունի հին եղանակների սքանչելի, ամենահրաշագեղ և անսահմանորեն բազմապիսի հավաքածու, բայց երբեք դրանք չի նորոգում։ Նա կրկնվում, կրկնվում, կրկնվում է։ Դիմեք ձեր սեփական հիշողությանը, ձեր սեփական փորձին և կհամոզվեք, որ դա այդպես է։ Ստեղծելով մարդուն, որը նրան բավարարեց, բնությունը հավատարիմ է մնում նրան, չի նահանջում նրանից ոչ մի պարագայում, նրան կրկնում է տասնյակ միլիարդավոր պատճեններով։ Ֆիզիկապես և մտավորապես միջին մարդը միշտ միատեսակ է, մազաչափ տարբերություն չկա առաջին ձագի, միջնեկ ձագի և վերջին ձագի միջև։ Եթե հարցնեք․ «Բայց մի՞թե դուք իսկապես այդ կարծիքին եք, որ բոլոր մարդիկ միատեսակ են», ― կպատասխանեմ՝ ես ասացի, որ միջին մարդը միշտ միատեսակ է։ «Բայց ընդունենք, որ որոշ անհատներ մեծ չափով գերազանցում են միջին մակարդակը, համենայն դեպս, մտավորապես»։ Այո, կպատասխանեմ ես, բայց բնությունը կրկնում է նաև այդպիսի մարդկանց։ Նա կրկնում է ամեն բան։ Խոսելով փախաբերականորեն, բնությունը մարդկության ընդհանուր մտավոր մակարդակը սահմանել է, ասենք, վեց ոտնաչափ։ Վերցրեք մեկ միլիարդ մարդ, նրանց կանգնեցրեք միմյանց կիպ կպած, և նրանց գագաթները կկազմեն նույնպիսի հավասար հարթություն, ինչպես սեղանի երեսը։ Այդ հարթությունը պատկերում է մասսայի մտավոր բարձրությունը, և դա անփոփոխ է։ Այստեղ ու այնտեղ, միմյանցից մի քանի մղոն հեռու, այդ հարթության վրա մոտավորապես մեկ մտավոր մատնաչափ, այսպես ասած, բարձրանում են առանձին գլուխներ․ նրանք այն մարդիկ են, որոնք աչքի են ընկել գիտության, իրավաբանության, ռազմական արվեստի, առևտրի և այլ ասպարեզներում։ Հինգ հազար քառակուսի մղոն մակերեսի վրա դուք կտեսնեք երեք գլուխ, որոնք բարձր են ևս մեկ մատնաչափ՝ դրանք ազգային համբավ վաստակած մարդիկ են, և մեկ գլուխ, որն այդ գլուխներից բարձր է մի երկու֊երեք մատնաչափ՝ դա համաշխարհային համբավ (ժամանակավորապես) նվաճած մարդու գլուխն է։ Եվ, վերջապես, երկրագնդի շրջագծի սահմաններում ինչ֊որ տեղ դուք, հինգ հարյուր տարվա սպասումից հետո, կտեսնեք մեկ֊միակ վեհապանծ գլուխ, որը բարձր է մյուս բոլորից՝ դա գրողի, իմաստունի, նկարչի, նահատակի, նվաճողի գլուխ է, կարճ ասած, գլուխը մի մարդու, որի փառքը աստղերին է հասնում և չի խամրի մինչև աշխարհի վախճանը, գլուխը որևէ հսկայի, որն անչափ գերազանցում է ամբողջ մարդկային հոտին, մի որևէ անհամեմատելի և անզուգական բացառիկ անձի, նման նրան, ով իր մեջ թաքնված ուժերի կախարդանքով կոշկակարի իր մուրճը փոխարինեց համաշխարհային տերության գայիսոնով։ Այս պատկերը ձեզ ցույց է տալիս ցանկացած ազգության սովորական մարդուն, այն առանձին մարդկանց, որոնք օժտված են ավելի զորեղ մտքով և այդ պատճառով էլ հռչակ են ձեռք բերում, ավելի հազվադեպ մարդկանց, որոնց տաղանդն ավելի մեծ է ու համբավն ավելի երկարատև, իսկ դարերի տարածության վրա մենավոր բարձրացող վերջին գլուխը մարմնավորում է այն առավելագույնը, ինչի ընդունակ է բնությունը։ Նա կփոխի՞, արդյոք, այդ ծրագիրը։ Ո՛չ, մինչև աշխարհի վերջը չի փոխի։ Նա, արդյոք, հավիտյան կկրկնի՞ այն։ Այո՛, հավիտյան ու անփոփոխ, նորից ու նորից նա կկրկնի այդ աստիճանավորումները, միշտ միևնույն համամասնությամբ և միշտ մեքենայի կանոնավորությամբ։ Մարդկանց յուրաքանչյուր միլիոնի հաշվով ճիշտ այսինչ թվով մեկ մատնաչափ նշանավոր դեմքեր, յուրաքանչյուր միլիարդի հաշվով՝ այսինչ թվով երկմատնաչափ նշանավոր դեմքեր և այլն։ Ու միշտ դարագլուխը մեկ անգամ՝ այդ վերադարձող մենավոր աստղը, ոչ ավելի հաճախ, քան դարագլուխը մեկ անգամ, և երբեք ոչ երկուական անգամ մեկ դարագլխում։ Եթե բնությանը որևէ գաղափար դուր է գալիս, նա անդուլորեն հետևում է դրան։ Ստեղծում է հարթավայրեր, ստեղծում է բլուրներ, ստեղծում է սարեր և միմյանցից մեծ հեռավորության վրա դնում է բարձր գագաթներ, ապա՝ ավելի հոյակապ ու հազվադեպ գագաթներ ամեն մայրցամաքին մեկական հատ և, վերջապես, ամենահոյակապ գագաթը՝ վեց մղոն բարձրությամբ։ Այդ նույն աստիճանավորմանը նա դիմում է նաև ձիերի վերաբերմամբ՝ ստեղծում մեծ քանակությամբ ձիեր, և դրանք բոլորն էլ վազում են միևնույն ու ոչ այնքան մեծ արագությամբ, միայն առանձին ձիեր մի փոքր ավելի արագ են վազում, շատ հազվադեպ նա ստեղծում է երկու֊երեք ձի, որոնք զգալիորեն ավելի արագ են վազում, և կես հարյուրամյակը մեկ անգամ՝ հռչակավոր մեկ ձի, որը երկու րոպեում վազում է մեկ մղոն։ Ու մինչև աշխարհի վերջը յուրաքանչյուր հիսուն տարին մեկ Բնությունը այդ ձին կկերտի։ Ըստ «Պարբերական կրկնության օրենքի», ամեն բան, ինչ մեկ անգամ կատարվել է, անպայման կկատարվի էլի մեկ անգամ, ու էլի՛ մեկ անգամ, ու էլի՛ մեկ անգամ, և ոչ թե անկանոն կերպով, այլ որոշակի ժամանակամիջոց անց, ըստ որում ամեն մի երևույթ կկրկնվի իր, այլ ոչ թե ուրիշ ժամանակաշրջանում, ենթարկվելով իր սեփական օրենքին։ Արևի խավարումը, Վեներայի անցնելը Արևի սկավառակի առջևով, գիսաստղերի երևալն ու անհետանալը, ամենամյա աստղային անձրևը՝ այս բոլոր երևույթները մեզ հուշում են, որ Բնությունը, որը սիրում է պարբերական կրկնությունները երկնքում, նույն բնությունն է, որը տնօրինում է Երկրի գործերը։ Ուրեմն, ըստ արժանվույն գնահատենք այդ ակնարկը։ Կա՞ արդյոք ինքնասպանությունների օրենքը հերքելու որևէ հնարավորություն։ Ո՛չ, այն հաստատված է։ Եթե այսինչ թվով ինքնասպանություններ այսինչ քաղաքում կատարվել են անցյալ տարի, մոտավորապես նույնքան էլ կկատարվեն այս տարի։ Եվ այդ թիվը տարեցտարի կաճի բնակչության թվի աճման համեմատ։ Եթե ձեզ հայտնեն բնակչության թիվը հարյուր տարի հետո, դուք կկարողանաք ճշտորեն հաշվել, թե ինչ քանակությամբ ինքնասպանություններ կկատարվեն այդ հեռավոր տարում։ Կկործանվի՞ արդյոք այս հիանալի քաղաքակրթությունը։ Այո՛, ամեն բան կործանվում է։ Արդյո՞ք նա կրկին կծագի և արդյո՞ք կրկին գոյություն կունենա։ Այո՛, որովհետև ամեն բան, ինչ որ պատահում է, պետք է կրկին պատահի։ Ու կրկին ու կրկին, և այդպես հավիտյան։ Ավելի քան ութ դար պահանջվեց այս քաղաքակրթությունը նախապատրաստելու համար։ Այնուհետև նա հանկարծակի սկսեց աճել և, հարյուր տարի էլ չանցած, մի անզուգական հրաշք դարձավ։ Ժամանակի ընթացքում այն կկործանվի ու կմոռացվի։ Դարեր կանցնեն, և այն կրկին կծնվի ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել էր՝ բոլոր գյուտերը, բոլոր հայտնագործությունները կկրկնվեն ամենայն մանրամասնությամբ։ Եվ կրկին այն կկործանվի ու դարեր հետո կծնվի, և նորից կշլացնի աշխարհը, ինչպես որ շլացնում է հիմա, նորից ամեն մանրամասնությամբ կատարելագործված։ Այսպիսին է «Պարբերական կրկնության օրենքը»։ Անգամ հնարավոր է, որ կրկնվեն նաև առարկաների անունները։ Մի՞թե հին ժամանակներում գոյություն չի ունեցել և չի մոռացվել Ապաքինման գիտությունը։ Եվ մի՞թե հենց վերջերս այն կրկին չծնվեց ու իր հետ չբերեց իր մոռացված անունը։ Արդյո՞ք այն կրկին կկործանվի։ Ես ենթադրում եմ, որ դարերի ընթացքում դեռ ոչ մեկ անգամ։ Եվ կրկին ու կրկին կծնվի։ Իսկ «Գիտությունը և Առողջությունը Սուրբ գրքի բանալիով» մոռացված գի՞րքը։ Մի՞թե մենք այն նորից չստացանք՝ վերանայված, ուղղված, այնպես, որ նրա ոճի ու քերականական կառուցվածքի խելահեղությունը սանձված էր ուսյալ նորադարձի ձեռքով։ Ու մի՞թե այն չի մոռացվի և՛ մեկ, և՛ երկու, և՛ քսան անգամ, ու կրկին չի ծնվի վիթխարի ժամանակահատվածներից հետո, և նորից փակուղու առջև չի կանգնեցնի մարդկային միտքը։ Դրանում կարելի է չտարակուսել։ Այդպես պետք է լինի ըստ «Պարբերական կրկնության օրենքի»։  ==Հատված դիրքի տեր մարդու օրագրից== Ինձ ընդունեց մարդկության գլխավոր պաշտոնատար, փառավորագույն, հզորագույն, ամենաողորմած, ազնվագույն Նորին Վեհության տիկինը, որին ես մեծարեցի իր այդ պաշտոնական տիտղոսներով, և ծնկաչոք, հնազանդությամբ նրան հայտնեցի իմ երախտագիտությունը, այնուհետև, թույլտվություն ստանալով, որն արտահայտվեց նրա ձեռքի շարժումով, ոտքի ելա ու կանգնեցի գահի առջև։ Դա տեղի ունեցավ թագավորած դահլիճում, այն պալատում, որտեղ նա և ամբողջ Առաջին ընտանիքը ապրում են արդեն չգիտեմ թե քանի հարյուրամյակ և որը նրանք գերադասում են մյուս բոլոր պալատներից։ Այս պալատն առաջվա նման ամենահոյակապն ու, իմ կարծիքով, ամենագեղեցիկն է ամբողջ կայսրության մեջ։ Դրա ոսկեզօծ շենքերն ամբողջ մղոններ են գրավում և շողշողում են, ինչպես երկրի վրա ընկած արևներ։ Դրա զբոսայգիները, պարտեզներն ու անտառները կորչում են կապտավուն հեռուներում, և թվում է, թե այդ դրախտն անսահման է։ Հարյուր հազար մարդ, չհաշված պալատական գվարդիայի բրիգադներն ու դիվիզիաները, ծառայում են նախածնողներին և նրանց առաջին՝ եդեմածին սերունդների ընտանիքներին։ Եվ, այնուամենայնիվ, այդ պալատն այնքան էլ վիթխարի չի թվում հսկայական մայրաքաղաքում, որի բնակչությունը համարյա անհնարին է արտահայտել թվերով, և որտեղ շատ փողոցների երկարությունը երկու հարյուր ու ավելի մղոն է։ Թագավորած դահլիճը մի հոյակապ, ընդարձակ, սյունաշար, գմբեթավոր կառույց է, որին հին, ամենահմուտ վարպետները հեքիաթային գեղեցկություն են տվել մարմարե արձանների, թանկագին քարերի, ոսկյա զարդարանքների և վերջալույսի սքանչելի գույների միջոցով։ Ամբողջ երկրագնդի միապետները յուրաքանչյուր հիսուն տարին մեկ իրենց ամենաանվանի մեծատոհմիկների ուղեկցությամբ այդտեղ են հավաքվում, որպեսզի ողջունեն մարդկության Նախածնողներին։ Հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ է լայնարձակություն, և դրա պակասն այստեղ չի զգացվում։ Հավանաբար, մի սքանչելի տեսարան է ներկայացնում օտար աշխարհների ամենահարուստ տարազներ հագած սևամորթ, սպիտակամորթ, դեղնամորթ ու դարչնամորթ թագավորների այդ բազմությունը։ Եվ ինչպիսի՜ ասպարեզ թարգմանների համար։ Բայց հիմա դահլիճը համարյա դատարկ է․ այստեղ են միայն թիկնապահները, սենեկապետները, մանկլավիկները և ուրիշներ՝ պատշաճ թվով քարտուղարների հետ, որոնք պատրաստ են ոչինչ չանելու, և ջանասիրությամբ դրանով են զբաղված։ Նորին Վեհության զգեստը հիշեցնում էր արկտիկական երկինք, երբ հյուսիսափայլն այն հեղեղում է մանուշակագույն, մորեգույն և ոսկեգույն բոցերի թրթռացող ալիքներով, և փայլփլող գույների այդ առկայծուն, խաբուսիկ երազում խաչաջևվում, միանում ու անջատվում էին թանկարժեք անհամար զարդերի ճաճանչները՝ մերթ բորբոքվելով, մերթ էլ մարելով, ինչպես կայծերը մոխրացած թղթի մեջ։ Հետագայում ես այդ սքանչելի տեսարանը ցնծությամբ նկարագրեցի Նանգ Պարբատին՝ Առաջին արյան այդ զայրալից ու սանձարձակ եդեմածին շառաղվին, որի այլանդակ սիրտն ամբողջապես լցվեց ատելությամբ, նախանձով ու չարությամբ, երբ շատ վաղուց նրան արգելվեց երևալ Նախահայրերի աչքին։ Նա կծու ժպտաց և արհամարհանքով ասաց․ ― Ա՜խ, այդ սնապարծությունը։ Իսկ ես դեռ հիշում եմ այն օրերը, երբ ամբողջ ընտանիքով մի մաշված շապիկ էլ չունեին։ Ես զսպեցի զայրույթս, որովհետև իմ դիրքի տեր մարդուն թույլատրելի չէ առարկել եդեմածնին, անգամ եթե նա ուզում է այդ, թեև նման ցանկություն իսկական օրինապահ կրծքում կարող է առաջանալ միայն ցասման րոպեներին և տեղնուտեղը իսպառ անհետանալ․ բայց ես խոնարհաբար նրան խնդրեցի ինձ ազատել Բարձրագույն իշխանությունների մասին նման բառեր լսելուց, քանի որ ինձ վայել չէ։ ― Դե, հասկանալի՛ է, ― փնչացրեց նա, ― չէ որ դու հայրենասեր ես, ինչպես բոլոր քեզ նմանները։ Դա նա է, ով սողում է Առաջին ընտանիքի առջև և փառաբանում կայսրին ու կառավարությանը, անկախ այն բանից՝ իրավացի են նրանք, թե անիրավացի, և մանավանդ այն ժամանակ, երբ նրանք իրավացի չեն․ դա կոչվում է «իր երկրին պաշտպան կանգնել»։ Հայրենասիրությո՜ւն․․․ Կեղծիք է, գարշանք, արծաթազօծ մանկական խաղալիք, որի օգնությամբ կողոպտիչների, սահմանադրական դատարկաբանների, տկարամիտների ու կեղծավորների խառնամբոխը, որ կոչվում է կայսերական կառավարություն, խաբում և իր բռան մեջ է հավաքում դյուրահավատ մանուկներին՝ ժողովրդին։ Օ՜, հայրենասիրությունը սքանչելի՜ բան է։ Ադամը սովորություն ուներ այն անվանելու «սրիկայի վերջին ապաստան»։ Իսկ գիտե՞ս, որ դատարկագլուխ տգետներն անգամ ինձ էին հայրենասեր անվանում։ Ավա՜ղ, այս աշխարհում վիրավորանքից խուսափելն անհնար է։ Գնա՛նք խմենք։ Ես սաստիկ անհարմար էի զգում, անցորդները զարմացած ետ էին նայում, տեսնելով, թե ինչպես Առաջին արյան զարմը՝ իր դասի սրբազգեստով (ճիշտ է, շատ մաշված), տնավարի, ասես հավասարը հավասարի հետ, բռնել է իմ դիրքի տեր մարդու վերարկուի դարձածալից։ Եվ նրա խոսքերն էլ ով ասես կարող էր լսել, որովհետև նա համառորեն խոսում էր չափազանց բարձրաձայն (գլուխը մի փոքր, այսպես ասած, տաք էր), որքան էլ աշխատում էի նրան հանգստացնել։ Հետաքրքրասերների հայացքներից խուսափելու համար, ես նրա ետևից մտա «Եդեմի զինանիշ» պանդոկը, որտեղ, վերջապես, ազատ շունչ քաշեցի, որովհետև պանդոկի բոլոր այցելուները հարգանքով ոտքի ելան և գլխաբաց հեռացան։ ― Ստրուկնե՛ր, ― գոչեց նա։ ― Նայիր դրանց, նրանք ստորանում են հագուստի առջև, ծնվելու պատահականության առջև՝ դարձյալ արծաթազօծ մանկական խաղալիք։ Օ՜հ, աստված իմ, ահա թե ինչ բան է այդ մարդկությունը։ ― Նա ճռնչաձայն ծիծաղեց։ ― Մարդկություն, որն այնքա՜ն բարձր կարծիքի է իր մասին։ Նա աչքի անցկացրեց իր սրբազգեստը, պոկեց թելից կախված ոսկեկար ժանյակի կտորը, մտազբաղ տրորեց ձեռքի մեջ ու նետեց շանը, որն այն հոտոտեց, և ապա, առանց ճաշակելու հիասթափված հեռացավ։ ― Ահա, համենայն դեպս, մի բանական արարած, որն արժանի է հարգանքի։ Ես խոնարհվում եմ նրա առջև։ ― Նա մատները խրեց իր ձյունափայլ մազերի մեջ և հոգոց հանելով, ասաց․ ― Ինչ արած, մի ժամանակ մենք էլ այդպես իմաստուն էինք և այդպես բանական։ Ես տեսել եմ այդ օրերը։ Շուտով նա կրկին պոռթկաց երկարաշունչ կրակոտ մենախոսությամբ։ Այս անգամ հովանավորականության առթիվ։ Ճիշտ է, նա անուններ, այնուամենայնիվ, չհիշատակեց, բայց միանգամայն պարզ էր որ ակնարկում է Մարդկության գլխավորի պաշտոնակատար իր տատին։ Ես ուղղակի փշաքաղվեցի։ ― Այս պալատում չկա ոչ մի պաշտոն, ― ասաց նա, ― որին կարելի լիներ հասնել ծառայություններով, չկա առանձնապես աշխատանք չպահանջող և բարձր վարձատրվող մի պաշտոն, որը տրված լինի որևէ տկարամիտ ծերուկի միայն այն պատճառով, որ ծննդյան պատահականությամբ նա պատկանում է Ազգակցության առաջին երեք աստիճաններից մեկին։ Ամեն բան, ինչ որևէ արժեք ունի, տրվում է Երեք դասերին։ Եվ ինչպե՜ս են նրանք՝ այդ զառամյալ փլատակները, կառչում իրենց տաքուկ տեղերից։ Ադամը երբեմն հոգոց էր հանում և ասում․ «Նրանք հազվադեպ են մահանում և երբեք հրաժարական չեն տալիս»։ Հովանավորականությո՞ւն։ Դա հո ուղղակի հովանավորականության կրետի բույն է։ Նա, օ՜, աստված իմ, նա չի կարողանում տանել պլեբեյական մարմնի ո՛չ հպումը, ո՛չ էլ հոտը։ Նույնիսկ աման լվացողները պետք է Առաջին ընտանիքից լինեն։ Աղգակցության երրորդ աստիճանը, զինանշանագիտական գերատեսչության վկայականը, ուղիղ գծով բոլոր նախնիների ամուսնության վկայականները հաշվի չեն առնում, այսպես ասած՝ «իռլանդացիներին խնդրում են չանհանգստանալ»։ Եվ ինչպիսի՜ հեգնանք․ հենց նա ինքը ամուսնության վակայական չունի։ Ես համարձակվեցի նրան առարկել և կշտամբանքով ասացի․ ― Նա այդպես ամուսնացած էլ ծնվել է։ ― Հիմարությո՛ւն է, ― փնչացրեց նա ու մատները շրխկացրեց, ― մանկական հեքիաթներ։ Այստեղ նա նորից սկսեց պարսավել հովանավորականությունը ու հասավ աստված գիտե թե ուր։ Ես կարող էի նրան հիշեցնել (եթե իմ դիրքի տեր մարդու համար պատշաճ լիներ նման բաներ խոսելը), որ եթե անգամ այդ համակարգը վատն է, նա ինքը դրանից ավեի շատ օգուտ է քաղել, քան մեկ ուրիշը։ Չէ որ առանց որևէ իրավունքի, բացի ծագումից, նա երկու հարյուրամյակ ծառայել է պալատում և վայրընթաց կարգով փորձել է Ազգակցության երրորդ աստիճանի սրբազան արտոնությունը կազմող բոլոր պաշտոնները, հերթով արատավորելով դրանցից յուրաքանչյուրը, մինչև որ գլորվել հասել է կոշիկ մաքրողի աստիճանի։ Եվ միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ նա արատավորել է նաև այդ պաշտոնը, վերջապես, զայրույթով նրանից ազատվեցին ու արգելեցին երևալ պալատում։ Նա հերթով հայհոյում էր այն ամենը, ինչը մենք հարգում և մեծարում ենք, իսկ ես ստիպված էի լսել, որովհետև նա շատ կամակորն է և կարող էր խիստ վիրավորվել, եթե ես հանկարծ հեռանալու թույլտվություն խնդրեի։ Բայց ի վերջո նա, առանց որևէ նախազգուշացման կամ նախաբանի, անսպասելիորեն հայտարարեց, թե իրեն ձանձրացրեց իմ անվերջ շաղակրատանքը, և մատնացույց արեց դուռը։ Դա անարդարացի էր, որովհետև խոսում էր միայն ինքը, իսկ ես երեք բառ էլ չէի ասել, բայց իսկույն, հարգարժան կերպով ետ֊ետ քայլելով, առանց մի առարկության հեռացա, քանի որ ուրախ էի բաժանվելու նրանից ցանկացած պայմանով։ Մեկ րոպեից նա ինքն էլ դուրս եկավ պանդոկից և քայլեց փողոցով ոչ մեկին չնայելով, իսկ բոլոր անցորդները, հարգանքով խոնարհվելով, ճանապարհ էին տալիս նրան։ Ինձ հայտնի բոլոր անբաններից ամենատհաճը սա է․ ես դրանում համոզված եմ։ Բնավորությամբ, խոսակցությամբ, տեսքով նա իր ազնիվ տատի լիակատար հակապատկերն է։ Ասում են, թե հին ժամանակներում նրա տատն էլ է ըմբոստացել և չի ցանկացել հնազանդվել, բայց հոգսերը և դարերի բեռը նրա սիրտը մաքրել են գթության և հնազանդության համար, որոնք միշտ են նրա մեջ ապրել, և դրանց երանությունը լուսավորում է նրա դեմքը, ու նա սքանչելի է։ Ինչպիսի՜ պատիվ էր նրան մեկ անգամ տեսնելը։ Ես նրան չեմ տեսել նոր հարյուրամյակի առաջին երեք օրից հետո, երբ նա հռավարության ցոլքերի մեջ հանդիսավորապես երևաց ժողովրդին և հին սովորությամբ օրհնեց եկող դարը․ այդ արարողությունը միշտ խոր տպավորություն էր գործում, բայց այս անգամ դա առանձնապես հուզիչ էր, որովհետև առաջին անգամ Նորին Վեհությունը ծեսը կատարում էր միայնակ։ Բոլորի աչքերն արտասվակալեցին, երբ նրա կողքին տեսան թափուր տեղը, որը, հավանաբար, այլևս երբեք չէր զբաղեցվելու։ Ութսուն տարի առաջ, ավելի ու ավելի վատացող առողջավիճակի պատճառով, Մարդկության գլխավոր Նորին Գերագույն պայծառափայլությունն իր բոլոր պարտականությունները, բայց ոչ իշխանությունը, հանձնեց իր տիկնոջը և այդ ժամանակից ի վեր անմիջականորեն չէր մասնակցում Առաջին ընտանիքի գործերի կառավարմանը, չհաշված այն, որ հիսունհինգ տարի առաջ, նկատի ունենալով որոշ կարևարագույն հանգամանքներ, նա ունկնդրման արժանացրեց աշխարհի կայսրին և թույլ տվեց, որ իրեն համոզեն նույնն անելու երեսունմեկ տարի հետո։ Ահա արդեն երեք քառորդ դար նա ապրում է կատարելապես միայնակ, անձնական բժիշկների խստագույն հսկողության տակ, և սրանք բժշկագիտության նորանոր նվաճումների օգնությամբ վերջին հիսուն տարիների ընթացքում տարեցտարի պահպանում են նրա մեջ առկայծող կյանքը։ Դա իրոք որ հիանալի է։ Բժիշկները միանգամայն արժանի են, որ նրանց հաջողությունը հրաշք անվանվի։ Նա վերջիններիս համար ապահովել է համաշխարհային համբավ, ինչպես նաև ոչ փոքր հարստություն։  ==Հատված օրագրից<ref>Ենթադրաբար՝ Նանգ Պարբատի օրագրից։ Ծան․ ռուս․ խմբ․</ref>== ․․․ Նրա իսկական վիճակի մասին չէր հայտնվում լայն հասարակությանը, համենայն դեպս, այդ մասին ոչինչ հնարավոր չէր իմանալ բժշկական տեղեկագրից։ Փորձով իմաստնացած մարդիկ կարողանում են մեկնաբանել այդ տեղեկագիրը, քանզի միանգամայն պարզ է, որ իր գրպանի մասին մտածող բժիշկի համար ձեռնտու է անվանի խնամառուին սպառնացող վտանգը ժամանակ առ ժամանակ չափազանցնել մի տասնվեց֊քսան անգամ, իսկ հետո նվաճել բովանադակ աշխարհի հիացմունքն ու երախտագիտությունը (ինչպես նաև ձեռք բերել նոր խնամառուներ), հիվանդին նորից հասցնելով այնպիսի վիճակի, երբ նա ինքն է գդալով ուտում իր շիլան, անիմաստ ժպտում է և ինչ֊որ բան քրթմնջում «իմ սիրելի ժողովուրդների մասին, որպեսզի այդ բառերը այնուհետև հեռագրի միջոցով տարածվեն ամբողջ հողագնդում, գորովագութ արցունքներով հեղեղեն լրագրերը և եկեղեցու կողմից օգտագործվեն հոգիների մեղմացման ու նոր հոժարակամ նվիրատվություններ շորթելու համար։ Այս ամբողջ տասնամյակների ընթացքում նա ոչ մի հիվանդությամբ չի տառապել, բացի «բժշկական հիվանդությունից»․ այդ մասին ինձ պատմել է դիպլոմավոր հիվանդապահուհիներից մեկի օգնականուհին։ Մեզանից նրանք, ովքեր դեռ լիովին ավանակ չեն, գիտեն, թե դա ինչ հիվանդություն է և ով է այն հարուցում, ինչպես է այն ընթանում, ինչքան փող, նաև ինչպիսի համբավ է նա բերում։ «Բժշկական հիվանդությունը» գոյություն ունի միայն ընտրյալների համար, միայն անվանիների համար և ախտահարում է միմիայն հարուստներին ու նշանավորներին, իսկ իր երկարատևությամբ դա անմահությունից տասը գլուխ բարձր բան է։ Ես ունեմ մասնավոր կարգով հիվանդապահուհու օգնականուհուց ստացած ստույգ տեղեկություններ, որ բժիշկները հենց սկզբից այդ խնամառուի հիվանդության վրա բորսայական խաղ են սարքել և տեղեկագիրը բորսայական միջնորդներին են վաճառել մեկ շաբաթ առաջ՝ երբեմն նրանց, ովքեր խաղում են վտանգի օգտին, երբեմն էլ նրանց, ովքեր խաղում են առողջացման օգտին։ Մի անգամ, երբ արժեթղթերի գինը 39 է եղել, նրանք գաղտնի բանակցություններ են սկսել երկու կողմերի հետ՝ միաժամանակ առաջարկելով արժեթղթերի գինը բարձրացնելով հասցնել 42֊ի կամ իջեցնել 35֊ի, նայած թե ով ավելին կառաջարկեր։ Դա փաստ է։ Այդ մասին ինձ պատմեց հիվանդապահուհու օգնականուհին։ Ավելի շատ տվել էին ցուլերը․ այդ մասին նա նույնպես ինձ ասաց։ Եվ բազմաթիվ այլ դեպքերում նրանք նախօրոք վաճառել են բարձրացումը կամ իջեցումը, թեև ստույգ թվերը օգնականուհին չգիտեր։ Սրանից երևում է, թե ինչ արժե տեղեկագիրը, երբ հիվանդը «բժշկական հիվանդությամբ» է տառապում։ Այս ի՞նչ (անընթեռնելի մի բառ) աշխարհ է։  ==Երկու հատված արգելված գրքից, որի վերնագիրն է «Պատմահայեցողություն կամ պատմության ընդհանուր ակնարկ»==  ․․․ Ավելի քան հինգ հարյուր տարի առաջ արտասանած ճառում, որն ամբողջապես հասել է մեզ, նա ասել է․ «Մենք՝ Մեծ հանրապետության ազատ քաղաքացիներս, իրավամբ հպարտանում ենք նրա մեծությամբ, նրա հզորությամբ, նրա արդարամիտ ու հեզաբարո կառավարությամբ, նրա մեծ ազատություններով, նրա փառավոր անունով, նրա անբիծ պատմությամբ, նրա անբիծ դրոշով և այն բանով, որ նրա ձեռքերը չեն կեղեքել թույլերին, ներկված չեն եղել զավթողական պատերազմների արյամբ, որ նրա հյուրընկալ դուռը բաց է ամեն ազգի տարագիրների առջև․ մենք հպարտանում ենք այն ակնածական հարգանքով, որ նրա նկատմամբ տածում են բոլոր կողմերից նրան շրջապատող միապետները, բայց ամենից ավելի հպարտանում ենք այն վեհ հայրենասիրությամբ, որը ժառանգել ենք մեր հայրերից, որը անաղարտ պահպանել ենք, որի շնորիհիվ նվաճել ենք մեր ազատությունները և մինչև օրս էլ դրանք պահպանում ենք։ Քանի դեռ ողջ է այդ հայրենասիրությունը, Հանրապետությանը ոչինչ չի սպառնում, նրա մեծությունն անխախտ է, և երկրային ոչ մի ուժ նրան չի հաղթի»։ Լավ ըմբռնեք այս բառերի իմաստը։ Հակառակ բոլոր մեր ավանդույթների, մենք այժմ անարդարացի և ստոր պատերազմ ենք սկսում, պատերազմ անօգնական ժողովրդի դեմ, պատերազմ, որի նպատակն է նողկալի կողոպուտը։ Սկզբում մեր համաքաղաքացիները, հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնցով դաստիարակվել են, հանդես էին գալիս պատերազմի դեմ։ Բայց այժմ նրանք նահանջել են այդ սկզբունքներից և միանգամայն ուրիշ բան են պահանջում։ Իսկ ի՞նչն է այդ փոփոխության պատճառը։ Քաղաքագետի ընդամենը մեկ ճարպիկ քայլը՝ զրնգուն մի ֆրազ, բոցավառող մի ֆրազ, որից պտտվել են քննադական դատողությունների անընդունակ նրանց գլուխները․ «Մեր երկիրը և՛ արդարի կողմն է, և՛ անարդարի»։ Դատա՜րկ ֆրազ, տխմա՜ր ֆրազ։ Բայց այն տպագրեցին բոլոր թերթերը, այն թնդում էր եկեղեցական ամբիոններից․ ժողովրդական կրթության գերատեսչության ավագ տեսուչը հրամայեց այդ լոզունգը կախել յուրաքանչյուր դպրոցում, ռազմական մինիստրությունը այն գրեց պետական դրոշի վրա։ Եվ ամեն մի մարդ, ով այդ լոզունգը բավականաչափ բարձրաձայն չէր բացականչում կամ պարզապես լռում էր, դավաճան էր հայտարարվում․ հայրենասերներ էին համարվում միայն նրանք, ովքեր աղաղակում էին։ Հայրենասեր համարվելու համար հարկավոր էր անընդհատ կրկնել՝ «Իմ երկիրը և՛ արդարի կողմն է, և անարդարի», ու պահանջել այդ փոքր պատերազմը։ Բայց մի՞թե դուք չնկատեցիք, որ այդ ֆրազը վիրավորական է ամբողջ ազգի համար։ Որովհետև, հանրապետության օրոք ո՞վ է «երկիրը»։ Տվյալ պահին իշխանության գլուխ կանգնած կառավարությո՞ւնը։ Բայց չէ՞ որ կառավարությունը միայն ծառա է, ժամանակավոր ծառա, և նա՛ չէ որոշողը, թե որ ուղին է արդար և որը՝ անարդար, ով է հայրենասեր և ով՝ ոչ։ Կառավարությունը պարտավոր է ենթարկվել ցուցումներին, այլ ոչ թե ցուցումներ տալ։ Այնուամենայնիվ ինչ է «երկիրը»։ Լրագրե՞ր։ Եկեղեցի՞։ Դպրոցական տեսուչնե՞ր։ Բայց չէ որ դրանք բոլորը երկրի միայն մի աննշան մասն են ու ամենևին էլ ո՛չ ամբողջ երկիրը․ դրանց չէ, որ պատկանում է իշխանությունը, դրանց պատկանում է իշխանության սոսկ չնչին մասը։ Դրանք յուրաքանչյուր հազարից մեկն են, և հենց այդ հազարներին է պատկանում իշխանությունը, հենց այդ հազարներն են, որ պետք է որոշեն, թե որ ուղին է արդար և որը՝ անարդար․ հենց նրանք պետք է որոշեն, թե ով է հայրենասեր, իսկ ով՝ ոչ։ Իսկ ովքե՞ր են այդ հազարները։ Այլ կերպ ասած, ովքե՞ր են կազմում «երկիրը»։ Միապետության օրոք երկիրը միապետն է ու նրա ընտանիքը, հանրապետության օրոք դա ժողովրդի ձայնն է։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է խոսի ինքն իր համար, իր անունից և իր պատասխանատվությամբ։ Եվ և դա մեծ ու սրբազան պատասխանատվություն է, դրանից չի կարելի թեթևամտորեն հրաժարվել, ենթարկվելով եկեղեցու, լրագրերի, կառավարության ահաբեկմանը կամ թե տրվել քաղաքագետի դատարկ ֆրազի հրապույրներին։ Ձեզանից ամեն մեկն ինքը պետք է իր համար որոշի, թե որ ուղին է արդար, իսկ որը՝ անարդար, ինչն է հայրենասիրական, իսկ ինչը՝ ոչ։ Չի կարելի խուսափել այդ պարտքի կատարումից և մարդ մնալ։ Իսկ ներքին համոզմունքին հակառակ ուղի ընտրել, նշանակում է դառնալ ամենաստոր ու ամենաանամոթ դավաճան և՛ սեփական անձի նկատմամբ, և՛ իր երկրի նկատմամբ՝ ինչպես էլ որ քեզ մարդիկ անվանեն։ Եթե դու միայնակ, հակառակ ամբողջ ազգի, ընտրել ես մի ուղի, համարելով, որ այդ ուղին արդար է, նշանակում է դու կատարել ես քո պարտքը և՛ քո նկատմամբ, և՛ քո երկրի նկատմամբ, ու բարձր պահիր գլուխդ։ Դու ամաչելու ոչինչ չունես։ Միայն այն ժամանակ, երբ վտանգ է սպառնում հանրապետության բուն գոյությանը, մարդ պետք է պաշտպանի իր կառավարությանը, նույնիսկ եթե այն արդարացի չէ։ Բայց միայն այդ դեպքում։ Մեր հանրապետության գոյությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Եվ ազգը իր պատիվը վաճառեց զրնգուն ֆրազով։ Նա կտրեց հուսալի խարսխաճոպանը և լողում է ալիքների կամքին հնազանդ, ծովահենների ձեռքը հանձնելով իր ղեկանիվը։ Տխմար ֆրազը ամրապնդման կարիք ուներ, և այն արժանի զույգ գտավ՝ «Եթե նույնիսկ այս պատերազմն անարդարացի է, մենք այն արդեն սկսել ենք և պետք է հասցնենք մինչև վերջ․ այն դադարեցնել, նշանակում է խայտառակվել»։ Արդարև, ոչ մի ջարդարար չէր կարողանա ավելի լավ ասել։ Մենք չենք կարող դադարեցնել նողկալի, թալանչիական արշավանքը, որովհետև հաշտություն կնքել այդ փոքր ժողովրդի հետ, որը միայն մեկ բան է պահանջում՝ պահպանել իր անկախությունը, նշանակվում է խայտառակվել։ Դուք մոռացել եք Ադամի ասույթը, վերհիշեք այն, լավ մտածեք դրա մասին։ Նա ասել է․ «Անփառունակ հաշտությունն ավելի լավ է, քան անազնիվ պատերազմը»։ Դուք սերմեր եք ցանել, և դրանք ծիլեր կտան։  ․․․Սակայն անհնար եղավ փրկել Մեծ հանրապետությունը։ Այն նեխել էր մինչև ուղն ու ծուծը։ Զավթումների ծարավը վաղուց ի վեր կատարել էր իր սև գործը․ ոտնատակ տալով անօգնական օտարերկրացիներին, հանրապետությունը, բնականաբար, սովորել էր ծույլ անտարբերությամբ նայել իր սեփական քաղաքացիների ոտնահարված իրավունքներին․ ուրիշի ազատությունների ճնշմանը ծափահարող ամբոխներն ապրեցին մինչև այն օրը, երբ հենց իրենք ստիպված եղան հատուցել այս սխալի համար։ Կառավարությունը վերջնականապես ընկավ գերհարուստների ու պնակալեզների ձեռքը, ընտրական իրավունքը վերածվեց մի հասարակ մեքենայի․ և նրանք այն պտտում էին իրենց ուզածին պես։ Չարչիական ոգին փոխարինեց բարոյականությանը, յուրաքանչյուրը դարձավ միմիայն իր գրպանի հայրենասերը։ Քսակ֊իշխանները, որոնք սկզբում մեծագույն շուքով էին ընդունում հարևան երկրների արիստոկրատներին և նրանց գնում իրենց աղջիկների համար, ժամանակի ընթացքում իրենք սկսեցին ժառանգական տիտղոսների ծարավ զգալ։ Առաջացավ ավելի ու ավելի ուժեղացող ձգտում դեպի միապետական կարգերը։ Սկզբում այդ մասին խոսում էին շշուկով, իսկ հետո՝ ամբողջ ձայնով։ Հենց այդ ժամանակ էլ Ծայրագույն Հարավում երևան եկավ ճակատագրի մարդը, որն ստացավ «Բացառիկ» մականունը։ Բանակ֊բանակի ետևից, տերություն֊տերության ետևից հաղմացրիվ էին լինում կոշկակարի զորեղ արշավանքներից, և նա շարունակում էր իր հաղթական երթը դեպի հյուսիս, ավելի ու ավելի հյուսիս։ Նիրհող հանրապետությունը վերջապես արթնացավ, բայց արդեն ուշ էր։ Նա դրամափոխներին վռնդեց տաճարից և կառավարման ղեկը հանձնեց անաղարտ մարդկանց ձեռքը, բայց ամեն բան անօգուտ եղավ։ Իրենց իշխանությունն ամրապնդելու համար դրամափոխներն արդեն վաղուց քաղաքացիների կեսին կաշառել էին ի հաշիվ զինվորական կենսաթոշակների, երբեմնի բարերար այդ չափանիշները դարձնելով ստրուկներ ստեղծելու միջոց՝ բռնապետության անհուսալի զենքի․ չէ որ յուրաքանչյուր կենսաթոշակառու ձայնի իրավունք ուներ, իսկ կենսաթոշակ ստանում էր յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, որոնք երբևիցե ծանոթ էին եղել մի զինվորի հետ։ Թոշակները նշանակվում էին Մեղսագործության օրվանից, և իրենց կյանքում ձեռքները զենք չբռնած մարդկանց հորդաները դրամ էին պահանջում անցած երեք հարյուր տարիների համար, և ստացան։ Զավթումները ոչ միայն չէին համալրում պետական գանձարանը, այլև հենց ամենասկզբից դրա համար ծանրագույն բեռ դարձան։ Կենսաթոշակները, զավթումները և պաշտոնատար անձնաց կաշառակերությունը, չնայած անհավատալի հարկերին, լիակատար սնանկացման հասցրին երկիրը․ պետական վարկերը սպառվել էին, զինանոցները՝ դատարկվել, երկիրը պատրաստ չէր պատերազմի։ Ռազմական ու ծովային ուսումնարանները, այնպես, ինչպես և բոլոր սպայական պաշտոնները բանակում և նավատորմում, վաղուց արդեն դարձել էին դրամափոխների արգելոցներ, իսկ մշտական բանակը, որ զավթումների դարաշրջանի ծնունդն էր, նրանց հայրենակալվածքը։ Բանակը և նավատորմը հրաժարվեցին ենթարկվել նոր կոնգրեսին ու նոր կառավարությանը և ծաղրանքով հայտարարեցին․ «Փորձե՛ք ստիպել»։ Դրան առարկելու բան չկար։ Ծովագնացությունից ոչինչ չհասկացող օրինավոր մարդիկ ծով դուրս բերեցին այն նավերը, որոնք չէին հսկում նվաճված երկրները, և դրանք բոլորը խորտակվեցին, փորձելով ազնվորեն կատարել իրենց պարտքը։ Աշխարհազորը, քաղաքացիական անձանց ղեկավարությամբ, ոգևորված, երբեմնի, վաղուց մոռացված ժամանակների իսկական հայրենասիրությամբ, եղաններով ու որսորդական հրացաններով զինված ռազմաճակատ նետվեց, և կանոնավոր բանակը նրանցից հետք անգամ չթողեց։ Որովհետև դրամափոխները, օգտվելով աղմուկից, վաճառվեցին կոշկարաին։ Նա դրամափոխներին ճոխ տիտղոսներ շնորհեց և, առանց մի կրակոցի, բարձրացավ հանրապետության գահին։ Ահա թե ինչ եղանակով Պոպոատախուալպակատապետը մեր տերը դարձավ, իսկ շուտով նրա իշխանությունն անցավ նրա հետնորդներին, որն այդ նույն անունն է կրում և որը մինչև այժմ էլ իր փոխարքայի միջոցով կառավարում է մեզ։  ==Հատված Սեմի օրագրից Աշխարհի արարչագործումից 920 տարի անց==  Օրը շաբաթ է։ Սովորականի պես ոչ ոք այն չի պահում։ Ոչ ոք, բացի մեր ընտանիքից։ Մեղավորներն ամենուրեք մեծ բազմություններով հավաքվում և անձնատուր էր լինում զվարճությունների։ Տղամարդիկ, կանայք, աղջիկները, պատանիները՝ բոլորը գինի են խմում, կռվում են, պարում, տարվում մոլեխաղերով, հռհռում են, աղաղակում, երգում։ Եվ զբաղվում են ամեն տեսակ զազրանքներով, զազրանքներ, որոնք նկարագրելու համար դժվար է բառեր գտնել։ Իսկ ի՛նչ աղմուկ է տիրում։ Ոռնում են եղջերափողերը, զրնգում են կաթսաներն ու կաթսայիկները, ղողանջում են պղնձյա շեփորները, գվվում ու որոտում են թմբուկները՝ ուղղակի խլանալ կարելի է։ Եվ այս ամենը շաբաթ օրով։ Կարո՜ղ եք երևակայել։ Հայրս ասում է, թե հին ժամանակներում ամեն բան այլ կերպ է եղել։ Իր երեխա ժամանակ բոլորը պահելիս են եղել Տիրունական օրը, ոչ ոք մեղք չի գործել, չի զվարճացել, չի աղմկել, ամենուրեք տիրել է խաղաղություն, լռություն, հանգստություն, ժամերգությունը կատարվել է օրվա ընթացքում մի քանի անգամ ու մեկ էլ երեկոյան։ Այդպես է եղել մի վեց հարյուր տարի առաջ։ Համեմատեք այն ժամանակները ներկայիս հետ։ Ու նման փոփոխությունն ախր կատարվել է այնքան կարճ ժամանակում, որ դեռևս ոչ տարեց մարդիկ անգամ լավ հիշում են, թե ամեն բան ինչպես է եղել անցյալում։ Այսօր այդ արարածներն այստեղ հավաքվել են սովորականից ավելի մեծ բազմությամբ․ եկել են դիտելու տապանը, մագլցելու նրա վրա և ծաղրուծանակի ենթարկելու այն։ Նրանք հարցեր են տալիս, իսկ երբ պատասխանում ես, որ դա նավ է, նրանք հռհռում են և հարցնում, թե այս չոր հարթավայրի կենտրոնում որտեղի՞ց ջուր։ Եթե մենք բացատրում ենք, թե տերը երկնքից կթափի ջուրը, որպեսզի հեղեղի ամբողջ աշխարհը, նրանք հռհռում են և ասում․ «Այդ հեքիաթը տատիկիդ պատմիր»։ Այսօր նորից եկավ Մաթուսաղան։ Եթե նա աշխարհի ամենածեր մարդն էլ չէ, համենայն դեպս, ամենածերն է անվանիների մեջ, և այդ յուրահատուկ առաջնակագությունը հարգարժան և ակնածալից սարսուռ է առաջացնում բոլորի մեջ․ բավական է, որ նա մի որևէ տեղ երևա, բուռն զվարճության աղմուկը իսկույն դադարում է, լռություն է տիրում, և մարդիկ, գլխարկները ստրկամտորեն հանելով ողջունում են նրան, երբ նա անցնում է, և միմյանց ականջի շշնջում․ «Նայեք, նայեք, ահա նա գնում է․․․ համարյա հազար տարեկան է․․․ ասում են, անձամբ ծանոթ է եղել Ադամի հետ»։ Նա շատ փառամոլ ծերուկ է և իսկույն երևում է, թե այդ ամենը ինչքան հաճելի է նրան, թեև քիթը վեր ցցած մանրաքայլ անցնում է մարդկանց մոտով, ասես կեկ֊ռոկ է պարում, և ձևացնում է, թե իբր լուրջ բաների մասին է խորհում ու շուրջը ոչ մի բան չի նկատում։ Իսկ ես գիտեմ, որ նա շատ նախանձ է ու նաև մանրախնդիր։ Թերևս չպետք է այդպես արտահայտվեի, որովհետև նրան ազգական եմ գալիս կնոջս կողմից, որը նրա թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնաղջիկն է կամ դրա նման մի բան, և մարդկանց մոտ ես, իհարկե, լռում եմ, բայց ինչու այդ չխոստովանեմ, երբ մեն֊մենակ եմ օրագրիս հետ․ չէ որ դա նույնն է, թե ես ինքս ինձ եմ ասում։ Նա նախանձում և զայրանում է տապանի համար․ ես դրանում համոզված եմ։ Նախանձում և զայրանում է, որովհետև տապանի պատրաստումը հանձնարարեցին ոչ թե նրան, այլ հայրիկին։ Տապանը շրջակայքի բոլոր ժողովուրդներին այնպիսի մի հրաշք է թվում, որ հայրիկը, անցյալում անհայտ մի մարդ, դրա շնորհիվ հռչակվեց ամբողջ աշխարհում․ բնականաբար, Մաթուսաղան նախանձում է։ Սկզբում մարդիկ ասում էին․ «Նո՞յ։ Իսկ ո՞վ է այդ Նոյը», բայց հիմա նրանք հեռվից վազեվազ գալիս են, միայն թե ստանան նրա ինքնագիրը։ Այս բանը Մաթուսաղային գրգռում է։ Բայց նա հարկադրված չի լինում գիշերները նստել ինքնագրեր պատրաստելու համար, ինչպես մենք։ Մենք բոլորս՝ ութ մարդ, որովհետև միայն հայրս դրանց տասներորդ մասն էլ չէր կարողանա գրել ծերության և հոդացավի պատճառով։ Մաթուսաղան շատ զզվելի բնավորություն ունի։ Իմ կարծիքով, նա միայն այն ժամանակ է գոհ լինում, երբ բոլորի տրամադրությունը փչացնում է։ Նա միշտ իմ եղբայրներին, ինձ և մեր կանանց «երեխաներ» է անվանում։ Եվ դա անում է միայն այն պատճառով, որ տեսնում է, թե դա մեզ համար որքան տհաճ է։ Մի անգամ Հաբեթը վախվխելով համարձակվեց հիշեցնել նրան, որ մենք արդեն չափահաս տղամարդիկ և կանայք ենք։ Դուք մեկ մղոն հեռավորությունից էլ կլսեիք, թե նա ինչպես փնչացրեց։ Արհամարհանքից նույնիսկ աչքերը կկոցեց, հետ տարավ կնճռոտված շրթունքները, ցույց տալով ատամների դեղնած մնացորդները, և շնչարգելությամբ՝ հիվանդի հազով ընդմիջվող մի զզվելի բռնազբոսիկ չոր ծիծաղ արձակեց, իսկ հետո ասաց․ «Տղամարդի՜կ ու կանա՜յք, այդ դո՞ւք եք, հա՞։ Իսկ քանի տարեկան եք դուք, հարգարժան ավերակներ»։ ― Մեր կանայք՝ մոտ ութսուն, իսկ մեր բոլորից ամենակրտսերը ես եմ, որիս հարյուր տարին լրացավ այս գարնանը։ ― Ութսո՛ւն, աստվա՜ծ իմ։ Հարյուր, աստվա՜ծ իմ։ Եվ ամուսնացա՜ծ եք։ Աստվա՜ծ, աստվա՜ծ, աստվա՜ծ։ Ծծկերնե՜ր։ Փալասե տիկնիկնե՜ր։ Ամուսնացա՜ծ եք։ Իմ երիտասարդության օրերին ոչ ոք չէր կարող մտածել, որ ամուսնացնի այդպիսի երեխաների։ Հրեշավո՜ր է։ Հաբեթն ուզեց նրան հիշեցնել, որ շատ նահապետներ ամուսնացել են վաղ երիտասարդության տարիքում, բայց նա լսել չուզեց։ Նա միշտ այդպես է․ մի անհերքելի փաստարկ բերեցիր, կսկսի գոռալ քեզ վրա, և մնում է, որ լռես ու փոխես խոսքդ։ Նրա հետ վիճել չի կարելի, դա կհամարվի չլսված անպատվություն։ Համենայն դեպս մենք՝ երիտասարդներս չէ, որ պետք է նրան առարկենք։ Ո՛չ մենք, ո՛չ էլ մեկ ուրիշը։ Բացի բժշկից։ Բժիշկը նրանից չի վախենում և առհասարակ ոչ ոքի նկատմամբ հարգանք չի տածում։ Նա ասում է, թե ամեն մարդ միայն մարդ է, և այն, որ նա հազար տարեկան է, ոչինչ չի փոխում՝ նա մարդ էլ մնում է։     
Ադմին, Վստահելի
1876
edits