«Հյուսիսափայլի դուստրը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Հյուսիսափայլի դուստրը |հեղինակ = Ջեկ Լոնդոն |թարգմանիչ = Վահան Վարդանյան |ա...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 23:10, 11 Հունիսի 2016-ի դրությամբ

Հյուսիսափայլի դուստրը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

― Դուք... ինչպես այդ ասել... ծույլ եք։ Դուք, ծո՛ւյլ, ուզում եք դառնալ իմ ամուսի՞ն։ Ավելորդ ջանք։ Երբեք, օ՜ ոչ, ծույլը երբեք ինձ ամուսին չի լինել։

Ջոյ Մոլինոն ուղղակի այդպես էլ ասաց Ջեկ Հարրինգտոնին։ Նույն միտքը, հենց նախօրյակին, նա հայտնել էր նաև Լուի Սավոյին, միայն թե ավելի ծամածռված ձևով և իր մայրենի լեզվով։

― Լսեցեք, Ջոյ...

― Ոչ, ո՛չ։ Ինչո՞ւ ես պետք է ծույլը լսել։ Դա շատ վատ է՝ իմ կրունկ կոխելով քայլել, ցցվել իմ տնակի մեջ և ոչ մի գործ չանել։ Դուք որտեղի՞ց կեր ճարել famille համար։ Ինչո՞ւ դուք ոսքե ավազ չունենալ։ Ուրիշները շատ֊շատ ունենալ։

― Բայց ես, Ջոյ, եզան պես աշխատում եմ։ Ամեն օր թափառում եմ Յուքոնում և նրա վտակներում։ Ահա հիմա էլ նոր եմ վերադարձել։ Շները հալից ընկել են։ Ուրիշների բախտը բերում է, նրանք շատ ոսկի են գտնում։ Իսկ ես... ինձ չի հաջողվում։

― Չէ մի։ Իսկ երբ այդ մարդ Մաք֊Քորմեկ, դե այն, որ հնդկացի կին ունի, երբ նա Քլոնդայկ հայտնաբերեց, ինչո՞ւ դուք չի գնացել։ Ուրիշները գնացել։ Ուրիշները հարուստ դարձել։

― Ախր դուք գիտեք, ես հեռու էի, ոսկի էի որոնում Թանանայի ակունքների մոտ,— պաշտպանվում էր Հարրինգտոնը։— Եվ ոչինչ չգիտեի ոչ Էլդորադոյի և ոչ էլ Բոնանդի մասին։ Իսկ հետո արդեն ուշ էր։

— Լավ, դա այդպես։ Միայն թե դուք... ինչպես այդ ասել... մոլորված եք։

— Ի՞նչ։

— Մոլորված։ Դե, ինչպես այդ ասել... մթության մեջ։ Ուշ չի լինում։ Այստեղ, այս գետակում, Էլդորադոյում, կա շատ հարուստ հանքահող։ Ինչ֊որ մարդ սյունանշել և թողել֊գնացել։ Ոչ ոք չգիտենալ, թե նա ուր գնացել։ Նա այլևս երբեք այստեղ չի հայտնվել։ Վաթսուն օր ոչ ոք չի կարող այդ հողամասի համար թուղթ ստանալ։ Հետո բոլորը... շատ֊շատ մարդիկ... Ինչպես ասել... կնետվեն սյունանշել այդ հողամաս։ Եվ կսլանան, օ՜, արագ, քամու պես արագ, կսլանան թուղթ ստանալ։ Մեկը դառնալ շատ հարուստ։ Մեկը շատ ուտելիք ստանալ famille համար։

Հարրինգտոնը ցույց չտվեց, թե այդ լուրը որքան խիստ հետաքրքրեց իրեն։

— Իսկ ե՞րբ է լրանում ժամկետը,— հարցրեց նա։— Եվ որտե՞ղ է այդ հողամասը։

— Երեկ երեկո ես այդ մասին խոսել Լուի Սավոյի հետ,— շարունակեց Ջոյ Մոլինոն, ասես նրա հարցը չլսելով։— Ինձ թվալ, թե հողամասը լինել նրան։

— Գրողի ծոցը Լուի Սավոյը։

— Լուի Սավոյն էլ երեկ ասաց իմ տնակում։ «Ջոյ,— ասաց նա,— ես ուժեղ եմ։ Ես լավ լծվածք ունեմ։ Ես լավ շունչ ունեմ։ Ես ձեռք կբերեմ այդ հողամասը։ Դուք այն ժամանակ ինձ հետ ամուսնանա՞լ»։ Իսկ ես նրան ասել... Ես ասել...

— Իսկ ի՞նչ ասացիք դուք։

— Ես ասացի. «Եթե Լուի Սավոյ հաղթի, ես դառնալ նրա կին»։

— Իսկ եթե նա չհաղթի՞։

— Այն Ժամանակ Լուի Սավոյ... ինչպես այդ ասել ձեր լեզվով... այն ժամանակ նա չդառնալ իմ երեխաների հայր։

— Իսկ եթե ե՞ս հաղթեմ։

— Դուք հաղթո՞ղ,— Ջոյը բարձրաձայն ծիծաղեց։— Երբե՛ք։

Ջոյ Մոլինոյի ծիծաղը ականջի համար հաճելի էր նույնիսկ, երբ ծաղր կար դրա մեջ։ Հարրինգտոնը դրան նշանակություն չտվեց։ Նա արդեն վաղուց էր վարժվել։ Եվ ոչ միայն նա։ Ջոյ Մոլինոն այդ ձևով տանջում էր իր բոլոր երկրպագուներին։ Ի դեպ, նա այնքան հմայիչ էր հիմա՝ սառնամանիքի այրող համբույրները շառագունել էին նրա այտերը, ծիծաղկոտ բերանը կիսաբաց էր, իսկ աչքերը շողում էին այն մեծ գայթակղությամբ, որից ավելի ուժեղը չկա աշխարհում, այնպիսի մի գայթակղությամբ, որը թաքնված է միայն կնոջ աչքերում։ Շները կենդանի բրդոտ կծիկի պես թավալվում էին նրա ոտքերի մոտ, իսկ լծվածքի առաջատարը՝ Գայլի Ժանիքը, զգուշությամբ իր երկար դունչը դրել էր նրա ծնկներին։

— Բայց և այնպես, ասենք թե ես հաղթեցի,— համառորեն կրկնեց Հարրինգտոնը։

Ջոյը նայեց իր երկրպագուին, հետո նորից հայացքը շրջեց շների վրա։

— Ի՞նչ կասես, Գայլի Ժանիք։ Եթե նա ուժեղ է և հողամասի թուղթ ստանալ, գուցե մենք համաձայնենք դառնալ նրա կին։ Դե, ի՞նչ կասես։

Գայլի Ժանիքը ականջները սրեց և խուլ մռլտաց Հարրինգտոնի վրա։

— Ցուրտ է,— կանացի անհետևողականությամբ հանկարծ ասաց Ջոյ Մոլինոն, վեր կացավ ու բարձրացրեց իր շնալծվածքը։

Երկրպագուն անվրդով նայում էր նրան։ Այդ կինը իրեն հանելուկներ էր առաջադրում իրենց ծանոթության առաջին իսկ օրից, և այդ պահից սկսած Հարրինգտոնի արժանիքների վրա ավելացավ նաև համբերությունը։

— Հե՜յ, Գայլի Ժանիք, — բացականչեց Ջոյ Մոլինոն, սահնակի վրա թռչելով հենց այն պահին, երբ շնալծվածքը շարժվեց։— Հե՜յ֊հե՜յ։ Քաշի՛ր։

Առանց գլուխը շրջելու, Հարրինգտոնը աչքի պոչով հետևում էր, թե ինչպե՛ս Ջոյի շները շրջվեցին դեպի սառած գետի վրայով անցնող կածանը ու սլացան Քառասուներորդ Մղոնի կողմը։ Խաչմերուկում, որտեղից մի ճանապարհը գետի վրայով տանում էր դեպի Քյուդաքի ամրոցը, Ջոյ Մոլինոն կանգնեցրեց շներին ու շրջվեց։

— Հե՛յ, միստր Ծույլ,— ձայն տվեց նա։— Գայլի Ժանիքն ասել՝ այո... եթե դուք հաղթել...


Այս ամենը, ինչպես սովորաբար լինում է այդպիսի դեպքերում, ինչ֊որ ձևով հայտնի դարձավ, և Քառասուներորդ Մղոնի բնակչությունը, երկար ու ապարդյուն գլուխ կոտրելով այն բանի վրա, թե վերջին երկու երկրպագուներից որին կհասնի Ջոյ Մոլինոն, այժմ կռահումներ էր անում, թե նրանցից ով հաղթող դուրս կգա առաջիկա մրցությունում, ու մոլի կերպով գրազ էր բռնում։ Ճամբարը բաժանվեց երկու խմբի, և յուրաքանչյուրն աշխատում էր օգնել իր ֆավորիտին՝ առաջինը հասնելու վերջնագծին։ Կատաղի պայքար սկսվեց երկրամասի լավագույն ջների համար, քանի որ հաջողությունը առաջին հերթին կախված էր շներից, լավ լծվածքներից։ Իսկ դա շատ բան էր խոստանում։ Հաղթողին բաժին էր ընկնում այնպիսի մի կին, որի հավասարը աշխարհում դեռ չէր ծնվել, և դրան ավելացրած՝ առնվազն մեկ միլիոն դոլլարի արժողությամբ ոսկու հանք։

Աշնանը, երբ լուր տարածվեց Բոնանզի մոտ Մաք֊Քորմեկի կատարած հայտնագործության մասին, բոլորը, այդ թվում նաև Սյորքլի ու Քառասուներորդ Մղոնի բնակիչներր, նետվեցին Յուքոնի հոսանքով դեպի վերև. բոլորը, բացի նրանցից, ովքեր Ջեկ Հարրինգտոնի և Լուի Նավոյի նման ոսկի որոնելու համար էին գնացել արևմուտք։ Առանց ընտրություն կատարելու՝ սյունանշում էին իշայծյամի արոտավայրերն ու գետակների ափերը։ Այդպես պատահականորեն սյունանշեցին նաև արտաքուստ քիչ բան խոստացող Էլդորադո գետակը։ Օլաֆ Նելսոնը իրարից հինգ հարյուր ոտնաչափ հեռավորությամբ ցցեր խփեց ափին, անհապաղ փոստով ուղարկեց իր հայտագիրը և նույնքան անհապաղ անհետացավ։ Մոտակա հանքվարչությունը, որտեղ հողամասերն էին գրանցում, այն ժամանակ գտնվում էր Քյուդաքի ամրոցի ոստիկանական զորանոցներում, հենց Քառասուներորդ Մղոնի դեմ֊դիմաց՝ գետից այն կողմ։ Հենց որ լուր տարածվեց, թե Էլդորադոն իսկական ոսկու տոպրակ է, ինչ֊որ մեկին անմիջապես հաջողվեց իմանալ, որ Օլաֆ Նելսոնը իրեն նեղություն չի պատճառել Յուքոնի հոսանքով ներքև իջնելու և իր հայտնաբերածը իր անունով հաստատելու համար։ Արդեն շատերն էին ագահությամբ աչք գցում անտեր հողամասի վրա, որտեղ, ինչպես բոլորին հայտնի էր, հազարավոր ու հազարավոր դոլլարների ոսկի էր սպասում միայն բահին ու ողողման վաքին։ Սակայն ոչ ոք չէր համարձակվում հողամասին տիրանալ։ Չգրված օրենքի համաձայն հողամասը սյունանշող մարդուն վաթսուն օր էր տրվում հայտագիրը ձևակերպելու համար, և մինչև այդ ժամկետը չլրանար, հողամասը անձեռնմխելի էր համարվում։ Օլաֆ Նելսոնի անհետացման մասին արդեն բոլորր գիտեին և տասնյակ ոսկի որոնողներ պատրաստվում էին հայտարքային սյուներ տնկել ու իրենց շնալծվածքներով Քյուդաքի ամրոցը սլանալ:

Բայց Քառասուներորդ Մղոնը քիչ հավակնորդներ առաջադրեց։ Այն բանից հետո, երբ ամբողջ ճամբարը իր ուժերը ուղղեց կամ Ջեկ Հարրինգտոնի, կամ Լուի Սավոյի հաղթանակը ապահովելու գործին, ոչ ոքի մտքով անգամ չանցավ մենակ փորձելու իր բախտը։ Հողամասից մինչև հանքվարչություն առնվազն հարյուր մղոն կլիներ, և որոշվեց այդ տարածության վրա երեքական հերթափոխ շնալծվածքներ դնել ֆավորիտներից յուրաքանչյուրի համար։ Վերջին չվերթը, հասկանալի է, վճռական էր։ Եվ ջանասեր կամավորները աշխատում էին այդ քսանհինգ մղոնի համար ձեռք բերել ամենաուժեղ շներին։ Երկու խմբերի միջև այնպիսի կատաղի պայքար բորբոքվեց, և նրանք այնպիսի մոլուցքով բռնվեցին, որ շների գները չտեսնված բարձրացան, այնքան, որ երբեք չէր եղել այդ երկրամասի պատմության մեջ։ Եվ եթե այդ պայքարը բոլորի հայացքները ավելի ամուր գամեց Ջոյ Մոլինոյին, ապա դա հասկանալի է։ Չէ որ նա ոչ միայն այդ հուզումների պատճառն էր, այլև հանդիսանում էր Չիլկութից մինչև Բերինգյան ծով ընկած շրջանում ամենալավ շնալծվածքի տերը։ Որպես առաջատար կամ գլխամասային՝ Գայլի Ժանիքը իրեն հավասարը չուներ։ Նա, որի լծվածքը վերջին չվերթում կքաշեր Գայլի Ժանիքը, կարող էր իրեն հաղթող համարել։ Դրանում ոչ ոք չէր կասկածում։ Բայց Քառասուներորդ Մղոնում բոլորն էլ հասկանում էին, թե ինչը կարելի է, ինչը՝ ոչ, և ոչ ոք Ջոյ Մոլինոյին չանհանգստացրեց՝ նրա շունը խնդրելով։ Յուրաքանչյուր կողմը իրեն սփոփում էր նրանով, որ ոչ միայն ֆավորիտին, այլև հակառակորդին ևս չի վիճակվի այդ առավելությունից օգտվել։

Սակայն տղամարդիկ՝ յուրաքանչյուրն առանձին և բոլորը միասին, այնպես են կառուցված, որ հաճախ գերեզման են իջնում՝ երանելի անգիտության մեջ մնալով մարդկային ցեղի մյուս կեսին հատուկ խարդավանքի ամբողջ խորության նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ Քառասուներորդ Մղոնի արական բնակչությունը անընդունակ եղավ կռահելու Ջոյ Մոլինոյի սատանայական մտքերը։ Հետագայում բոլորը խոստովանում էին, որ թերագնահատել են հյուսիսափայլի այդ սևաչ դստերը, որի հայրը այս կողմերում մորթիների գործով էր զբաղվել դեռ այն ժամանակ, երբ իրենց մտքով անգամ չէր անցնում, որ իրենք էլ կգան այստեղ, և որի աչքերը առաջին անգամ աշխարհին են նայել բևեռային կրակների սառը առկայծումների ներքո։ Սակայն հանգամանքները, որոնց առկայությամբ աշխարհ եկավ Ջոյ Մոլինոն, նրան չխանգարեցին մինչև ուղն ու ծուծը կին լինելու և չսահմանափակեցին տղամարդու բնավորությունը հասկանալու նրա ունակութ յունները։ Տղամարդիկ գիտեին, որ Ջոյը իրենց հետ խաղ է անում, բայց նրանց մտքով չէր էլ անցնում, թե որքան խորն է մտածված այդ խաղը, որքան հմուտ և հնարամիտ է այն։ Նրանք հաշվի էին առնում միայն այն խաղաթղթերը, որոնք Ջոյը կամեցավ բացել նրանց առաջ, և մինչև վերջին րոպեն նրանք գտնվում էին հաճելի թմբիրի մեջ, իսկ երբ Ջոյը բաց արեց հաղթաթուղթը, նրանց մնում էր միայն իրենց տանուլ տվածները հաշվել։

Շաբաթվա սկզբում ամբողջ ճամբարը ճանապարհ էր դնում Ջեկ Հարրինգտոնին և Լուի Սավոյին։ Հակառակորդները մեկնեցին՝ մի քանի օրվա պաշար վերցրած. նրանք ուզում էին վաղօրոք հասնել Օլաֆ Նելսոնի հողամասը, որպեսզի մի փոքր հանգստանան և շներին հնարավորություն տան մրցավազքից առաջ վերականգնելու իրենց ուժերը։ Ճանապարհին նրանք տեսան Դոուսոնցի ոսկի որոնողներին, որոնք արդեն հերթափոխ սահնակներն էին տեղադրում ճանապարհին, և հնարավորություն ստացան համոզվելու, որ միլիոնի հետևից ընկած՝ ոչ ոք ժլատ չի եղել ծախսերի մեջ։

Նրանց մեկնելուց մի երկու օր հետո Քառասուներորդ Մղոնն սկսեց փոխարինող շներ ուղարկել՝ սկզբում ճանապարհի յոթանասունհինգերորդ մղոնը, հետո՝ հիսուներորդ և, վերջապես, քսանհինգերորդ։ Վերջին չվերթի համար նախատեսված լծվածքները հոյակապ էին՝ բոլոր շները կարծես ջոկովի լինեին, և ճամբարը մի ամբողջ ժամ, հիսուն աստիճան սառնամանիքի տակ, քննարկում ու համեմատում էր նրանց արժանիքները, մինչև, վերջապես, նրանք ճանապարհ ընկնելու հնարավորություն ստացան։ Բայց այստեղ, վերջին րոպեին, իր սահնակով սրընթաց նրանց մոտեցավ Ջոյ Մոլինոն։ Նա մի կողմ կանչեց Հարրինգտոնի լծվածքը վարող Լոն Մաք֊Ֆեյնին, և դեռ առաջին բառերը դուրս չէին եկել Ջոյի բերանից, երբ Լոնը այնպիսի զարմանքով բերանը բաց արեց, որ նրա ստացած լուրի կարևորությունը ակնհայտ դարձավ բոլորի համար։ Նա Ջոյի սահնակից արձակեց Գայլի Ժանիքին, նրան տեղավորեց Հարրինգտոնի լծվածքի գլխամասում և շներին քշեց Ցուքոնի հոսանքով դեպի վերև։

— Խե՜ղճ Լուի Սավոյ,— միաբերան ասում էին բոլորը։

Բայց Ջոյ Մոլինոն մարտականորեն փայլեցրեց սև աչքերը և սահնակը շրջեց դեպի հայրական տնակը։


Կեսգիշերը մոտենում էր։ Մորթիների մեջ փաթաթված մի քանի հարյուր հոգի, որոնք հավաքվել էին Օլաֆ Նելսոնի հողամասում, վաթսուն աստիճանի սառնամանիքը և այդ գիշերվա բոլոր հուզումները գերադասել էին տաք տնակների ու հարմար մահճակալների գայթակղությունից։ Նրանցից ոմանք ձեռքի տակ պատրաստ պահել էին իրենց ցցերն ու շներին։ Կապիտան Քոնստենթայնի հեծյալ ոստիկանության ջոկատը հրաման էր ստացել տեղում լինել, որպեսզի ամեն ինչ ընթանար ըստ կանոնների։ Կարգադրություն ստացվեց՝ ոչ ոք սյունանիշեր չտնկի, մինչև այդ օրվա վերջին վայրկյանը հավերժության գիրկը չանցնի։ Հյուսիսում այդպիսի հրամանը հավասարազոր է Եհովայի հրամանին, չէ որ գնդակը բում֊բում պատժում է նույնքան ակնթարթորեն և անվերադարձ, որքան և աստծու ձեռքը։ Պարզկա ցուրտ գիշեր էր։ Հյուսիսափայլը իր տոնական կրակներն էր վառել, երկնակամարը գունազարդելով վիթխարի կանաչա֊սպիտակավուն ճառագայթներով, որոնք ստվերել էին աստղերի լույսը։ Վարդագույն սառը շողարձակումով ալիքները ողողում էին զենիթը, իսկ հսկայի ձեռքը փայլատակող կամարներ էր կերտում հորիզոնում։ Եվ, այս վեհաշուք տեսարանից ցնցված, շները երկարաձիգ ոռնում էին, ինչպես նրանց հեռավոր նախնիները անհիշելի ժամանակներում։

Արջի մուշտակով ոստիկանը, ժամացույցը ձեռքին, հանդիսավոր առաջ գնաց։ Մարդիկ իրար անցան իրենց լծվածքների մոտ, բարձրացնելով շներին, շտկելով ու քաշելով ձգափոկերը։ Այնուհետև մրցողները մոտեցան սահմանագծին՝ ձեռքներում սեղմած ցցափայտերն ու հայտարքները։ Նրանք արդեն քանի֊քանի անգամ անցել էին հողամասի սահմանները և այժմ այդ բանը կարող էին անել փակ աչքերով։ Ոստիկանը ձեռքը բարձրացրեց։ Ավելորդ մորթիներն ու վերմակները ուսերից ցած գցելով, վերջին անգամ գոտիները ձգելով, մարդիկ քարացան սպասումի մեջ։

— Պատրաստվե՛լ։

Վաթսուն զույգ թաթման հանվեց ձեռքներից, նույնքան զույգ մոքասին հագած ոտքեր ավելի ամուր խրվեցին ձյան մեջ։

— Գնացի՛նք։

Բոլորը զանազան կողմերից հարձակվեցին հողամասի ընդարձակ ամայի տարածության վրա, ցցեր խփելով անկյուններում և մեջտեղում, որտեղ հարկ էր երկու կենտրոնական հայտարք գնել, այնուհետև աճապարանքով նետվեցին դեպի գետի սառած հարթության վրա իրենց սպասող սահնակները։ Ամեն ինչ իրար խառնվեց՝ շարժում, ձայն, ամեն ինչ ձուլվեց միասնական քաոսի մեջ։ Սահնակները ընդհարվում էին, մի շնալծվածքը, մազերը ցցած, ժանիքներր բաց, կաղկանձով ընկնում էր մյուս լծվածքի վրա։ Գոյացած խառնակույտը խցանում ստեղծեց գետի նեղ հունում։ Մտրակի հարվածներ էին տեղում կենդանիների ու մարդկանց մեջքներին։ Եվ ի լրումն այդ իրարանցման, յուրաքանչյուր սահնակավարի շուրջը խռնվել էին բազմաթիվ բարեկամներ, որոնք աշխատում էին նրան դուրս բերել խառնակույտից։ Բայց ահա ուժով ճանապարհ հարթելով իրենց համար, սահնակներն իրար հետևից սկսեցին ազատ տարածություն դուրս գալ և կորչել խավարի մեջ՝ մռայլորեն կախված ափերի արանքում։

Ջեկ Հարրինգտոնը նախապես գիտեր, որ հրմշտոցից խուսափել հնարավոր չէ, և սպասում էր իր սահնակի մոտ, մինչև իրարանցումը հանդարտվեր։ Լուի Սավոյը, իմանալով, որ իր հակառակորդը սահնակավարության գծով նախապես հարյուր միավոր կտա իրեն, նույնպես սպասում էր, որոշելով հետևել նրա օրինակին։ Աղմուկն արդեն լռել էր հեռվում, երբ նրանք ճանապարհ ընկան և, մինչև Բոնանզ տասը մղոն անցնելով, հասան մնացած սահնակներին, որոնք գնում էին իրար հետևից, բայց առանց երկարաձգվելու։ Բացականչություններ գրեթե չէին լսվում, որովհետև ճանապարհի այդ հատվածում առաջ անցնելու մասին նույնիսկ մտածելու հարկ չկար, սահնակի լայնությունը՝ մի հիմնափայտից մինչև մյուսը, հավասար էր տասնվեց դյույմի, իսկ տրորված ճանապարհի լայնությունը՝ տասնութի։ Մի ոտնաչափ խորությամբ տրորված այդ սահնակաճամփան նման էր խողովակի։ Նրա երկու կողմերում փռված էր փայլատակող փափուկ ձյունածածկոցը։ Բավական էր, որ մեկը փորձեր առաջ անցնել մյուս սահնակներից, դուրս գար ճանապարհից, նրա շներն անխուսափելիորեն մինչև փորը կթաղվեին փուխր ձյան մեջ ու առաջ կգնային խխունջի արագությամբ։ Եվ մարդիկ քարացել էին փոսերում վեր ու վար անող սահնակների վրա ու սպասում էին։ Բոնանզով և Քլոնդայկով տասնհինգ մղոն դեպի ներքև, մինչև Դոուսոն, որտեղ նրանք դուրս եկան Յուքոնի մոտ, ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Այստեղ արդեն նրանց էին սպասում հերթափոխ լծվածքները։ Բայց Հարրինգտոնը և Սավոյը իրենց փոխարինող շները երկու-երեք մղոն այն կողմ էին տեղավորել, որոշելով, եթե հարկ լինի, մահու չափ քշել առաջին լծվածքը։ Լծվածքների փոփոխման ժամանակ առաջացած իրարանցումից օգտվելով՝ նրանք հետևում թողեցին սահնակավարների գրեթե կեսին։ Երբ սահնակները նրանց դուրս բերեցին Յուքոնի հարթության վրա, առջևում արդեն երեսուն սահնակից ավելի չէր լինի։ Այստեղ կարելի էր ուժերը չափել։ Աշնանը, երբ գետը սառել էր, սառցի երկու հզոր շերտերի միջև մնացել էր մեկ մղոն լայնությամբ հոսանք։ Այն բոլորովին վերջերս էր սառցակալել, բայց ամուր էր, հարթ ու սահուն, ինչպես պարասրահի մանրահատակը։ Հենց որ սահնակի հիմնափայտերը կպան այդ փայլատակող սառույցին, Հարրինգտոնր, մի ձեռքով սահնակից բռնած, բարձրացավ ծնկների վրա, և նրա մտրակը կատաղորեն շաչեց շների գլխավերևում, իսկ մոլեգին հայհոյանքը թնդաց նրանց ականջներում։ Շնալծվածքները ձգվեցին սառցե հարթության վրայով և յուրաքանչյուրը հնարավորին չափ լարեց ուժերը։ Բայց հյուսիսում հազիվ թե մեկ ուրիշը կարողանար այնպես սահնակ վարել, ինչպես Ջեկ Հարրինգտոնը։ Նրա լծվածքն անմիջապես սկսեց առաջ սլանալ, բայց Լուի Սավոյը հուսահատ ջանքեր էր գործադրում, որ ետ չմնա, և նրա առաջատար շները վազում էին մռութները գրեթե հակառակորդի սահնակին կպցրած։

Սառցապատ ճանապարհի մեջտեղում երկրորդ փոխարինող շները ափից բերվեցին նրանց ընդառաջ։ Բայց Հարրինգտոնը իր շների վազքը չդանդաղեցրեց։ Երբ նոր լծվածքը հավասարվեց իրեն, նա հո՛պ անելով թռավ մյուս սահնակի վրա, անմիջապես մտրակելով շներին։ Հերթափոխ սահնակը վարողը գլուխկոնծի տալով, թռավ սահնակից։ Լուի Սավոյը այստեղ նույնպես ամեն ինչում հետևում էր իր հակառակորդի օրինակին։ Բախտի քմահաճույքին թողնված շնալծվածքները մի կողմից մյուսը նետվեցին, նրանց վրա ընկան ուրիշները, և մի ահավոր խառնաշփոթություն սկսվեց սառցի վրա։ Հարրինգտոնը արագություն էր վերցնում։ Լուի Սավոյը ետ չէր մնում։ Սառցադաշտի ամենավերջում նրանց սահնակներն սկսեցին շրջանցել գլխամասային լծվածքը։ Երբ նրանք նորից դուրս եկան փափուկ ձյունաթմբերի մեջ տրորված նեղ սահնակաճամփան, առջևում արդեն իրենք էին, և Դոուսոնը, որ հյուսիսափայլի ցոլքերի տակ հետևում էր նրանց, երդվում էր, որ դա մաքուր գործ է։

Երբ սառնամանիքը սաստկանում է մինչև վաթսուն աստիճան, պետք է կամ շարժվել, կամ կրակ վառել, հակառակ դեպքում՝ երկար չես դիմանա։ Այժմ Հարրինգտոնը և Սավոյը դիմեցին հին եղանակին՝ «վազքով և շներով»։ Սահնակից ցած թռչելով, նրանք, ուսափոկերը բռնած, վազում էին հետևից, մինչև արյունը երակների մեջ եռալով, մարմիններից դուրս էր մղում սառնամանիքը, հետո նորից թռչում էին սահնակի վրա և պառկում, մինչև որ վերստին սառչում էին մինչև ոսկորները։ Այսպես՝ վազքով ու շներով, նրանք անցան երկրորդ և երրորդ չվերթները։ Նորից ու նորից հարթ սառույցի վրա դուրս գալով, Լուի Սավոյը մտրակում էր շներին, բայց հակառակորդից առաջ անցնելու նրա փորձերը հաջողություն չէին ունենում։ Մրցության մյուս մասնակիցները, որ հինգ մղոն ձգվել էին նրանց հետևում, աշխատում էին հասնել, բայց ապարդյուն, որովհետև այդ մրցումներում միայն Լուի Սավոյին էր վիճակվել դիմանալու Ջեկ Հարրինգտոնի առաջարկած սպանիչ արագությանը։

Երբ նրանք մոտեցան Յոթանասունհինգերորդ Մղոնի հերթափոխ սահնակին, Լոն Մաք֊Ֆեյնը բաց թողեց իր շներին։ Նրանց առաջ էր տանում Գայլի Ժանիքը, և հենց որ Հարրինգտոնը տեսավ առաջատար շանը, նրա համար պարզ դարձավ, թե ով է հաղթելու։ Ամբողջ Հյուսիսում չկար այնպիսի մի շնալծվածք, որը այժմ կարողանար հաղթել իրեն այս վերջին չվերթում։ Իսկ Լուի Սավոյը, Գայլի Ժանիքին Հարրինգտոնի լծվածքի գլխամասում տեսնելով, հասկացավ, որ ինքը տանուլ է տվել, և ատամների արանքից ինչ֊որ մեկին անիծեց, ինչպես սովորաբար անիծում են կանանց։ Բայց և այնպես նա վճռեց մինչև վերջ մրցել, ու նրա շները աննահանջ վազում էին առջևի սահնակի տակից դուրս թռչող ձյունափոշու միջով։ Հարավ֊արևելքում բռնկվեց արշալույսը։ Հարրինգտոնը և Սավոյը առաջ էին սլանում՝ մեկը ուրախ, մյուսը դառը զարմանքով մտածելով Ջոյ Մոլինոյի արարքի մասին։

Ամբողջ Քառասուներորդ Մղոնը լուսաբացին դուրս էր եկել իր մորթե անկողնուց և խռնվել սահնակաճամփի եզրին։ Այստեղից երևում էր բավական հեռուն՝ մի քանի մղոն Յուքոնով դեպի վերև, մինչև առաջին ոլորանը։ Եվ գետի վրայով դեպի Քյուդաքի ամրոցի մոտ ընկած վերջնագիծը տանող ճանապարհը, որտեղ անհամբեր նրանց էր սպասում հանքային տեսուչը, նույնպես երևում էր ինչպես ափի մեջ։ Ջոյ Մոլինոն մի քիչ ավելի այն կողմ էր տեղավորվել, բայց այսքան բացառիկ հանգամանքները նկատի ունենալով, ոչ ոք իրեն թույլ չտվեց նրա աչքերի առջև ցցվել և փակել ձյան վրա հազիվ նշմարելի կածանաշերտը։ Այսպիսով, ազատ տարածություն էր մնում նրա առջևում։ Վառվում էին խարույկները. և կրակի մոտ հավաքված ոսկի որոնողները գրազ էին գալիս՝ գրավ դնելով շներին ու ոսկե ավազը։ Գայլի Ժանիքի հեռանկարները չափազանց մեծ էին։

— Գալիս են,— սոճու կատարից լսվեց հնդկացի տղայի սուր կանչը։

Ցուքոնի ոլորանի մոտ ձյան վրա մի սև կետ երևաց և նրանից անմիջապես հետո՝ երկրորդը։ Կետերն արագորեն մեծանում էին, իսկ նրանցից հետո սկսեցին ուրիշ կետեր էլ երևալ առաջին երկուսից որոշ հեռավորության վրա։ Կամաց֊կամաց դրանք սահնակների, շների և սահնակների վրա երեսնիվայր պառկած մարդկանց գծագրումներ ստացան։

— Առջևում Գայլի Ժանիքն է,— շշնջաց ոստիկանության լեյտենանտը Ջոյ Մոլինոյին։

Աղջիկը ժպիտով պատասխանեց նրան՝ չթաքցնելով իր հետաքրքրությունը։

— Տասը մեկի դիմաց՝ հօգուտ Հարրինգտոնի,— բացականչեց Կեչու գետակի ինչ֊որ արքա, իր ոսկու տոպրակը դուրս քաշելով։

— Թագուհի՛... նա այնքան էլ շատ չի՞ վճարում ձեզ,— հարցրեց Ջոյ Մոլինոն լեյտենանտին։

Սա գլուխը օրորեց։

— Դուք ոսկե ավազ ունե՞ք։ Ինչքա՞ն,— հանգիստ չէր տալիս Ջոյը։

Լեյտենանտը իր տոպրակի կապն արձակեց։ Ջոյը մի հայացքով գնահատեց նրա պարունակությունը։

— Այստեղ, թերևս... այո, մի երկու հարյուր կլինի այստեղ, ճիշտ է։ Լավ, հիմա ես ձեզ... ինչպես այդ ասել․․․ հուշել։ Գրազն ընդունեց եք։— Նա հանելուկային ժպտաց։

Լեյտենանտը տատանվում էր։ Նա նայեց գետին։ Առջևի երկու սահնակավարները, ծնկաչոք, կատաղորեն մտրակում էին շներին, առջևից գալիս էր Հարրինգտոնը։

— Տասը մեկի դիմաց՝ Հարրինգտոնի օգտին,— լեյտենանտի քթի տակ իր տոպրակը թափահարելով գոռում էր Կեչու գետակի արքան։

— Գրազն ընդունեցեք,— դրդում էր Ջոյը լեյտենանտին:

Նա ենթարկվեց, ուսերը թոթվելով ի նշան այն բանի, թե զիջում է ոչ թե բանականության ձայնին, այլ Ջոյի թովչանքներին։ Ջոյը հավանություն տալով՝ գլխով արեց։

Աղմուկը լռեց։ Գրազները դադարեցին։

Թեքվելով, վեր ու վար թռչելով, ինչպես խարխուլ առագաստանավերը փոթորկի ժամանակ, սահնակները կատաղորեն սլանում էին նրանց կողմը։ Լուի Սավոյը դեռևս ետ չէր մնում Հարրինգտոնից, բայց նրա դեմքը մռայլ էր, հույսը լքել էր նրան։ Հարրինգտոնը աջ ու ձախ չէր նայում։ Նա բերանը ամուր սեղմել էր։ Նրա շները վազում էին հավասարաչափ, ոչ մի ակնթարթ չխախտելով ռիթմը, մազաչափ անգամ չշեղվելով ճանապարհից, իսկ Գայլի Ժանիքը իսկապես հիանալի էր։ Գլուխը կախ գցած, շուրջր ոչինչ չտեսնելով և խուլ վնգստալով, նա առաջ էր տանում իր ընկերներին։

Քառասուներորդ Մղոնը շունչր պահել էր։ Շների գռմռոց ու մտրակների շաչյուն էր լսվում միայն։

Հանկարծ Ջոյ Մոլինոյի զրնգուն ձայնը խախտեց լռությունը.

— Հեյ֊հե՜յ։ Գայլի Ժանի՜ք։ Գայլի Ժանի՜ք։

Գայլի Ժանիքր լսեց։ Նա կտրուկ մի կողմ թեքվեց ու սլացավ ուղիղ դեպի իր տիրուհին։ Ամբողջ շնալծվածքը նետվեց նրա հետևից, սահնակը թեքվեց և, մի հենափայտի վրա կանգնելով, Հարրինգտոնին շպրտեց ձյան մեջ։ Լուի Սավոյը հողմի պես անցավ նրա մոտով։ Հարրինգտոնը ոտքի կանգնեց ու տեսավ, որ իր հակառակորդը գետի վրայով սլանում է դեպի հանքվարչություն։ Այդ պահին նա ակամայից մի խոսակցություն լսեց իր թիկունքում.

— Նա։ Այո, նա շատ լավ էր գալիս,— ասում էր Ջոյ Մոլինոն լեյտենանտին։— Նա... ինչպես այդ ասել... թափ ցույց տվեց։ Օ, այո, նա հրաշալի թափ ցույց տվեց։