«Կրոնը բանականության դատաստանի առաջ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «==Ստորակարգ կենդանին<ref>Այս հատվածին պետք է, ըստ երևույթին, նախորդեին լրագրային քաղվածքները Կրետո...»:) |
(Տարբերություն չկա)
|
16:00, 12 Հունիսի 2016-ի տարբերակ
Ստորակարգ կենդանին[1]
1572 թվականի օգոստոսին ճիշտ նույնը տեղի ունեցավ Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում։ Բայց այն ժամանակ քրիստոնյաները հարձակվեցին քրիստոնյաների վրա։ Կաթոլիկները, նախապես խոսքները մեկ արած, հանկարծակի հարձակվեցին միամիտ բողոքականների վրա և հազարներով կոտորեցին նրանց, չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ ծերերին։ Այդ բանը տեղի ունեցավ ս․ Բարդուղիմեոսի արժանահիշատակ օրը։ Երբ ուրախալի լուրը հասավ Հռոմ, պապը և ամբողջ կաթոլիկ եկեղեցին գովք մատուցեցին աստծուն։
Մի քանի հարյուրամյակի ընթացքում ամեն տարի խարույկների վրա այրվում էին հարյուրավոր երետիկոսներ, որովհետև նրանց կրոնական հայացքները դուր չէին գալիս կաթոլիկ եկեղեցուն։
Բոլոր դարերում բոլոր երկրների վայրենիներն ամեն օր սառնասրտորեն կոտորել են իրենց եղբայրներին ու մերձավոր հարևաններին և ստրկացրել նրանց կանանց ու երեխաներին։
Կեղծավորությունը, նախանձը, չարությունը, դաժանությունը, ոխակալությունը, անառակությունը, բռնությունը, կողոպուտը, խարդախությունը, սադրանքը, երկկնությունը, ամուսնական դավաճանությունը, աղքատների ու թշվառների ըստ ամենայնի կեղեքումն ու ստորացումը չափազանց տարածված երևույթներ են եղել և այդպիսին էլ մնում են հողագնդի ինչպես քաղաքակիրթ, այնպես էլ ոչ քաղաքակիրթ ժողովուրդների մեջ։
Շատ դարերի ընթացքում քարոզել են «մարդկանց համընդհանուր եղբայրություն» (կիրակի օրերին) և «հայրենասիրություն» (կիրակի ու լի օրերին)։ Բայց չէ որ հայրենասիրությունը ենթադրում է մարդկանց համընդհանուր եղբայրությանը հակադիր ինչ֊որ մի բան։
Ոչ մի ժողովուրդ, լինի հին թե նոր, քաղաքակիրթ թե վայրենի, չի ընդունել հավասարությունը տղամարդու և կնոջ միջև։
Ես ուսումնասիրել եմ այսպես կոչվող «ստորակարգ կենդանիների» բնավորությունն ու հակումները և դրանք համեմատել մարդու բնավորության ու հակումների հետ։ Այդ համեմատության արդյունքները, իմ կարծիքով, ծայրահեղորեն նվաստացուցիչ են ինձ համար։ Որովհետև դրանք ինձ հարկադրում են հրաժարվել ստորակարգ կենդանիներից մարդու ծագման դարվինյան տեսության նկատմամբ ունեցած իմ հավատից, քանզի այժմ ինձ համար ակնհայտ է դառնում, որ այդ տեսությունը պետք է փոխարինել մի նոր և ճշմարտությանը շատ ավելի մոտ տեսությամբ, այն անվանելով «բարձրակարգ կենդանիներից մարդու վայրընթանալու տեսություն»։
Այս անհաճո հետևությանը ես հանգեցի ոչ թե կռահումների կամ անհիմն ենթադրությունների և համեմատությունների միջոցով, այլ դիմելով այն բանին, ինչն ընդունված է անվանել գիտական եղանակ։ Այլ կերպ ասած, պատահած ամեն մի նախադրյալ քննադատական փորձագիտական ստուգման եմ ենթարկել և ստացված արդյունքին համապատասխան այն ընդունել կամ մերժել եմ։ Այդ ձևով ես ստուգել և ապացուցել եմ իմ յուրաքանչյուր դրույթը, նախքան հաջորդին անցնելը։ Փորձերն արվել են Լոնդոնի կենդանաբանական այգում և պահանջել շատ ամիսների քրտնաջան ու հոգնեցուցիչ աշխատանք։
Նախքան այդ փորձերի կոնկրետ նկարագրությանն անցնելը, ուզում եմ անել մի քանի դիտողություն, որոնք այստեղ ավելի տեղին կլինեն, քան թե հետագայում։ Դա՝ հանուն պարզության։ Մեծաքանակ փորձերն ինձ հիմք են տալիս անելու հետևյալ ընդհանուր հետևությունները․
1․ Մարդկությունը կենսաբանական միասնական տեսակ է։ Կան որոշակի տարբերություններ՝ մաշկի գույնի, կազմվածքի, մտավոր կարողությունների և այլ տեսակետներից, որոնք կախված են կլիմայից, միջավայրից և այլն, բայց, այնուամենայնիվ, այն միասնական ինքնուրույն տեսակ է, որը չպետք է շփոթել որևէ այլ տեսակի հետ։
2․ Չորքոտանիները նույնպես կազմում են առանձին ընտանիք։ Այդ ընտանիքը նույնպես ունի որոշ ներքին տարբերություններ՝ գույնի, չափերի, սնվելու և այլ տեսակետներից, բայց և այնպես դա միասնական ինքնուրույն ընտանիք է։
3․ Մյուս բոլոր ընտանիքները՝ թռչունները, ձկները, միջատները, սողունները և այլն, նույնպես քիչ թե շատ ինքնուրույն են։ Դրանք հաջորդում են միմյանց։ Դրանք այն շղթայի օղակներն են, որը ձգվում է բարձրակարգ կենդանիներից դեպի ցած՝ դեպի մարդը, որը գտնվում է շղթայի ստորին ծայրում։
Իմ փորձերից մի քանիսը չափազանց հետաքրքիր էին։ Ուսումնասիրելով գրական աղբյուրները, ես հանդիպեցի այսպիսի մի դեպքի․ շատ տարիներ առաջ ինչ֊որ որսորդներ մեր տափաստաններում բիզոնների որս են կազմակերպել մի անգլիական կոմսի զվարճացնելու և նրան մի քիչ թարմ միս հյուրասիրելու համար։ Որսը նրա մասնակիցներին մեծ բավականություն է պատճառել։ Նրանք սպանել են յոթանասուներկու այդպիսի տափաստանային հսկաների, կերել միայն դրանցից մեկի մսի մի մասը, իսկ յոթանասուներկու լեշերը թողել են նեխելու։ Կոմսի և վիշապի միջև եղած տարբերությունը որոշելու համար, պայմանով, իհարկե, որ այդպիսի տարբերություն կա, ես հրամայեցի վիշապի խցիկը նետել յոթ մատղաշ հորթուկներ։ Շնորհակալ սողունը խեղդեց և կուլ տվեց հորթուկներից մեկին, իսկ հետո անձնատուր եղավ երանավետ հանգստին։ Օձը ոչ մի հետաքրքրություն հանդես չբերեց մնացած հորթուկների նկատմամբ և նրանց ձեռք չտվեց։ Ես այդ փորձը կրկնեցի ուրիշ վիշապների հետ, և ամեն անգամ նույն արդյունքն էր ստացվում։ Կարելի է ապացուցված համարել հետևյալ փաստը․ կոմսի ու վիշապի միջև տարբերությունն այն է, որ կոմսը դաժան է, իսկ վիշապը՝ ոչ, և կոմսը ոչնչացնում է կենդանի էակներին, դրա կարիքը չունենալով, մի բան, որ վիշապը երբեք չի անում։ Այստեղից, ակներևաբար, կարելի է հետևություն անել, որ վիշապը կոմսից չի սերվել։ Ինչպես նաև հետևություն, որ կոմսը սերվել է վիշապից, ընդսմին կորցնելով շատ լավ հատկություններ։
Ինձ հայտնի է, որ շատ մարդիկ, որոնք կուտակել են շատ ավելի միլիոններ, քան ի վիճակի կլինեին երբևիցե ծախսելու, կատաղորեն փափագել են կուտակելու նոր միլիոններ և պատրաստ եղել այդ ծարավը ժամանակավորապես հագեցնելու համար խեղճ ու անճար մարդկանցից խլելու նրանց վերջին խղճուկ կոպեկները։ Հարյուրավոր զանազան վայրի ու ընտանի կենդանիների ես հնարավորություն տվեցի կուտակելու սննդի մեծ պաշարներ, բայց դրանցից ոչ մեկը չցանկացավ դրանով զբաղվել։ Սկյուռները, մեղուները և առանձին թռչուններ, ճիշտ է, որոշ պաշար կուտակում էին, բայց ճիշտ այնքան, որ բավականացներ մինչը ձմռան վերջը, իսկ դրանից ավելի ոչինչ չէին ցանկանում կուտակել ո՛չ ազնիվ ճանապարհով, ո՛չ էլ խաբեությամբ։ Մեռնող համբավը մի կերպ պահպանելու համար մրջյունը փորձում էր ցույց տալ, թե ինքը մեծ պաշարներ է կուտակում, բայց ես թույլ չտվեցի ինձ խաբել։ Ես գիտեմ մրջյունին։ Այդ փորձերն ինձ համոզեցին, որ մարդու և բարձրակարգ կենդանիների միջև գոյություն ունի հետևյալ տարբերությունը․ մարդը ագահ է և ժլատ, իսկ կենդանիները՝ ոչ։
Այդ փորձերի ընթացքում ես համոզվեցի, որ մարդը միակ կենդանին է, որը հիշում է իրեն հասցված վիրավորանքներն ու անպատվությունները, ոխակալ է և, հարմար առիթ գտնելով, վրեժ է լուծում։ Բարձրակարգ կենդանիներին վրիժառությունը ծանոթ չէ։
Աքաղաղները հարեմ են կազմում, բայց միայն իրենց հարճերի համաձայնությամբ, և, հետևաբար, դրանում ոչ մի վատ բան չկա։ Տղամարդիկ հարեմ են կազմում, բայց կոպիտ ուժի օգնությամբ, որը պաշտպանվում է զայրացուցիչ օրենքներով, որոնց մշակմանը մյուս սեռին թույլ չի տրվում մասնակցել։ Այս առումով մարդն աքաղաղից շատ ավելի ցածր է կանգնած։
Կատուները բարոյազուրկ են, բայց նրանք դա չեն գիտակցում։ Մարդը, սերվելով կատվից, պահպանել է նրա անառակությունը, բայց դրա հետ միասին նաև գիտակցել է այդ անառակությունը, այսինքն, զրկվել է այն բանից, ինչն արդարացնում է կատվին։ Կատուն անմեղ է, իսկ մարդը՝ ոչ։
Անպարկեշտությունը, կոպտությունը, անպատշաճությունը հատուկ են բացառապես մարդուն․ այդ նա է հնարել դրանք։ Բարձրակարգ կենդանիների մեջ այդպիսի հատկությունների հետք անգամ չկա։ Այդ կենդանիները ոչինչ չեն թաքցնում, ոչնչից չեն ամաչում։ Մարդը, որ կեղտոտ մտքի տեր էակ է, ծածկում է իր մարմինը։ Նա չի համարձակվում հյուրասենյակ մտնել թեկուզև կուրծքը կամ մեջքը մերկացրած, այնքան որ նա ու նրա նմանները զգայուն են անպարկեշտության վերաբերյալ ամեն մի ակնարկի նկատմամբ։ Մարդը «ծիծաղող կենդանի է»։ Բայց, ինչպես մատնանշել է պարոն Դարվինը, կապիկները նույնպես ծիծաղում են, ծիծաղում է նաև ավստրալիական ծաղրակեռնեխը։ Ոչ, մարդը «կարմրող կենդանի է»։ Մյուս կենդանիները չեն կարմրում, ասենք, նրանք դրա պատճառն էլ չունեն։
Այդ հոդվածի սկզբում մենք կարդում ենք, որ մի քանի օր սրանից առաջ «երեք վանականներ ողջակիզվել են», իսկ վանահայրը «ամենագազանային ձևով սպանվել է»։ Մենք հետաքրքրվո՞ւմ ենք, արդյոք, մանրամասնություններով։ Ո՛չ։ Այլապես կիմանայինք, որ վանահայրը այլանդակվել էր մի այնպիսի եղանակով, որի մասին ընդունված չէ գրել։ Երբ մարդը հյուսիսամերիկյան հնդկացի է, հանում է իր գերու աչքերը, երբ նա Յոհան թագավոր է, որը կամենում է վնասազերծել իր եղբորորդուն, գործի է դնում շիկացած երկաթը․ երբ նա միջին դարերում հերետիկոսների նկատմամբ դատաստան տեսնող մոլեկրոն է, մաշկազերծ է անում իր զոհին և աղ լցնում նրա մեջքին․ Ռիչարդ I֊ի օրով նա բազում հրեա ընտանիքների փակում է աշտարակում և հրկիզում է այն․ Կոլումբոսի դարաշրջանում նա բռնում է իսպանացի հրեաների ընտանիքը և․․․ բայց սա մամուլի համար չէ։ Ժամանակակից Անգլիայում մարդուն կես շիլինգ տուգանում են այն բանի համար, որ նա աթոռով մահու չափ ծեծում է իր մորը, իսկ մեկ ուրիշին տուգանում են քառասուն շիլինգ այն բանի համար, որ նրա մոտ գտել են փասիանի չորս ձու, և նա չէր կարողացել բավարար կերպով բացատրել, թե ինչ ձևով են իր մոտ հայտնվել դրանք։ Բոլոր կենդանիներից միայն մարդն է դաժան։ Միայն նա է ցավ պատճառում, որովհետև դա նրան հաճելի է։ Բարձրակարգ կենդանիների մասին նման որևէ բան ասել չի կարելի։ Կատուն խաղում է մահու չափ վախեցած մկան հետ, բայց նա ունի արդարացում՝ նա չգիտի, որ մկանը տառապանք է պատճառում։ Եվ կատուն չափավոր է, անմարդկայնորեն չափավոր, նա միայն վախեցնում է մկանը, բայց նրան ցավ չի պատճառում․ չի ճանկռոտում նրա աչքերը, նրան մաշկազերծ չի անում, նրա ճանկերի տակ ասեղներ չի խրում, ինչպես որ մարդն է անում։ Երբ կատուն ձանձրանում է մկան հետ խաղալուց, նրանով նախաճաշում է, միանգամից վերջ դնելով նրա տանջանքներին։ Մարդը դաժան կենդանի է։ Եվ այդ հատկությունը պատկանում է միայն նրան։
Բարձրակարգ կենդանիները երբեմն տուրուդմփոց են սարքում, բայց նրանք երբեք չեն կռվում կազմակերպված զանգվածներով։ Մարդը միակ կենդանին է, որն ընդունակ է պատերազմ կոչվող ամենազայրացուցիչ ու ամենազզվելի արարքին։ Միայն նա է ընդունակ իր շուրջը հավաքելու իր եղբայրներին ու սառնասրտորեն ու անխռով կոտորելու իր նմաններին։ Նա միակ կենդանին է, որ փողով (ինչպես որ հեսենցիները Անկախության համար մեր պատերազմի ժամանակ կամ էլ թե պատանի արքայազն Նապոլեոնը Զուլուսյան պատերազմում) գնում է օգնելու նման անհատների բնաջնջմանը, որոնք նվազագույն վնաս անգամ չեն պատճառել նրան և որոնց հետ նա գժտված էլ չի եղել։
Մարդը միակ կենդանին է, որն իր թույլ եղբայրակցին զրկում է հայրենիքից, նրան վռնդում է այնտեղից կամ սպանում։ Մարդը միշտ էլ այդպես է վարվել։ Ամբողջ երկրագնդի վրա չեք գտնի անգամ մի ակր հող, որն իր օրնիական տիրոջ սեփականությունը լինի․ ո՛չ, դրանք հերթով անցնում են մի սեփականատիրոջից մյուսին՝ ուժի և արյունահեղության միջոցով։
Մարդը միակ ստրուկն է։ Եվ միակ կենդանին, որն ստրկության է մատնում իր նմաններին։ Նա միշտ էլ ստրուկ է եղել այս կամ այն ձևով և միշտ էլ այս կամ այն ձևով իշխել է ուրիշ ստրուկների վրա։ Մեր օրերում նա փողով ստրկություն է անում մյուս մարդկանց առջև և աշխատում է այդ մարդկանց համար, իսկ այդ ստրուկն ունի իր ստրուկները, որոնք պակաս վարձատրությամբ աշխատում են նրա համար։ Միայն բարձրակարգ կենդանիներն են, որ իրենք են կատարում իրենց աշխատանքը և իրենք են իրենց կերակրում։
Մարդը միակ հայրենասերն է։ Նա մյուս բոլոր մարդկանցից առանձնանում է իր սեփական երկրում, իր սեփական դրոշի ներքո և արհամարհում է մյուս ազգերին, ձեռքի տակ պահելով անհամար թվով համազգեստավոր մարդասպանների, որոնք, ի դեպ, նրա վրա շատ թանկ են նստում միմիայն նրա համար, որպեսզի ուրիշի երկրից հողեր զավթի և նրա բնակիչներին խանգարի ոտնձգություն կատարելու իր երկրի դեմ։ Իսկ պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում լվանում է ձեռքերի արյունը և տքնում է հանուն «մարդկանց համընդհանուր եղբայրության», տքնում է միայն լեզվով։
Մարդը կրոնասեր կենդանի է։ Միակ կրոնասեր կենդանին է։ Միակ կենդանին, որը դավանում է ճշմարիտ հավատ, մի քանի ճշմարիտ հավատ։ Նա միակ կենդանին է, որը սիրում է մերձավորին, ինչպես ինքն իրեն, և կկտրի նրա կոկորդը, եթե նրա հետ տարաձայնություն ունենա աստվածաբանական հարցերում։ Նա երկրագունդը գերեզմանոցի է վերածել, քանի որ քրտինքի մեջ աշխատելով հեշտացրել է իր եղբոր ուղին դեպի երջանկություն ու երկնային երանություն։ Նա դրանով զբաղվում էր կեսարների ժամանակներում, նա դրանով զբաղված էր Մուհամմեդի ժամանակներում, նա դրանով զբաղվում էր հավատաքննության ժամանակներում, նա դրանով զբաղվում էր մի երկու դար առաջ Ֆրանսիայում, նա դրանով զբաղվում էր Անգլիայում՝ Մարիա թագուհու օրով, նա դրանով զբաղվել է այն ժամանակներից, երբ առաջին անգամ տեսել է ցերեկվա լույսը, նա դրանով ներկայումս զբաղվում է Կրետի կղզում (որը հաստատվում է վերը բերված հեռագրով), իսկ վաղը դրանով կզբաղվի դարձյալ մի որևէ տեղ։ Բարձրակարգ կենդանիները կրոն չունեն։ Եվ մեզ սովորեցնում են, թե նրանք զրկված են հանդերձյալ կյանքից։ Բայց ինչո՞ւ։ Դրանից վատ հոտ է գալիս։
Մարդը բնական կենդանի է։ Այդպես են պնդում։ Իմ կարծիքով, առանց որևէ հիմքի։ Ավելին, իմ փորձերն ապացուցեցին, որ նա անբնական կենդանի է։ Հիշեք վերևում համառոտակի շարադրված նրա պատմությունը։ Իմ կարծիքով, միանգամայն պարզ է, որ նրան բանական կենդանի անվանել ոչ մի կերպ չի կարելի։ Նրա պատմությունը մոլագարի անմիտ պատմություն է։ Եվ ես բանականության նրա հավակնությունները հերքող գլխավոր փաստարկ եմ համարում այն, որ այդպիսի պատմություն ունենալով, նա, առանց տատանվելու, իրեն հայտարարում է ամենաբարձրակարգ կենդանի, թեև իր իսկ սեփական նորմերով ամենաստորակարգ կենդանին է։
Ընդհակառակը, մարդն անբուժելիորեն տխմար է։ Նա ընդունակ չէ յուրացնել ամենահասարակ բաները, որ հեշտությամբ սովորում են մյուս կենդանիները։ Ես կատարեցի, օրինակ, այսպիսի մի փորձ․ մեկ ժամվա ընթացում շանն ու կատվին սովորեցրի ընկերություն անել ճագարի հետ։ Երկու օր հետո ինձ հաջողվեց այդ նույն վանդակում տեղավորել մեկական աղվես, սկյուռ, սագ և մի քանի աղավնի։ Եվ, ի վերջո, մեկ կապիկ։ Նրանք խաղաղ ապրում էին և նույնիսկ սիրեցին միմյանց։
Այնուհետև ես հարևան վանդակի մեջ տեղավորեցի մի իռլանդական կաթոլիկի՝ Տիպերերեից, և հենց նա շատ թե քիչ ձեռնասուն դարձավ, նրա մոտ տեղավորեցի մի շոտլանդացի երիցականի՝ Աբերդինից։ Այնուհետև մի թուրքի՝ Կոստանդնուպոլսից, ուղղափառ հույնի՝ Կրետեից, հայի, մեթոդիստի՝ Արկանզասի թավուտներից, բուդդայականի՝ Չինաստանից և բրահմանի՝ Հնդկաստանից։ Եվ, վերջապես, Փրկության բանակի մի գնդապետի՝ Ուոպինգից։ Դրանից հետո երկու օր չէի մոտենում վանդակներին։ Երբ ես գնացի իմանալու արդյունքները, բարձրակարգ կենդանիների վանդակում խաղաղություն և համաձայնություն էր տիրում, բայց մյուսում անկանոն թափթփված էին չալմաների, ֆեսերի ու շալերի արյունաշաղախ պատառներ, ինչպես նաև ոսկորներ ու մսի կտորտանք․ վանդակում տեղավորված փորձանմուշներից ոչ մեկը ողջ չէր մնացել։ Այդ «բանական կենդանիները» համաձայնության չէին եկել մի աստվածաբանական հարցի շուրջը և այն լուծելու համար գնացել էին Բարձրագույն ատյան։
Հարկ է խոստովանել, որ անկեղծորեն ազնիվ մարդն անհուսալիորեն զիջում է բարձրակարգ կենդանիներից նույնիսկ ամենաստորինին։ Ոչ մի կասկած չկա, որ մարդն օրգանապես ընդունակ չէ հավասարվելու նրանց, որ մարդն ունի օրգանական թերություն, որը նրան երբեք թույլ չի տա այդ անել, քանի որ այդ թերությունն անբաժանելի է նրանից, անուղղելի է և հավիտենական։
Այդ թերությունը բարոյականի զգացումն է։ Մարդն այց զգացումով օժտված միակ կենդանին է։ Դրանով է բացատրվում նրա այլասերումը։ Հենց բարոյական զգացումն է նրան հնարավորություն տալիս չարիք գործելու։ Այդ զգացումն ուրիշ դեր չունի։ Այն ուրիշ դեր չի կատարում։ Եվ ոչ մի ուրիշ բանի համար էլ չի նախատեսվել։ Առանց դրա մարդն ընդունակ չէր լինի վատ բան անելու։ Նա միանգամից կհասներ բարձրակարգ կենդանիների մակարդակին։
Քանի որ բարոյականի զգացումն ունի միայն մեկ նպատակ, մեկ դեր՝ մարդուն չարիք գործելու հնարավորություն տալ, այն, անկասկած, նրան հարկավոր չէ։ Հարկավոր չէ, ինչպես որ ամեն մի հիվանդություն։ Բայց, ըստ էության, դա հենց հիվանդություն է, որ կա, կատաղությունը բավական վատ բան է, բայց դա էլ է այդպիսի հիվանդությունից լավ։ Կատաղությունը մարդուն հնարավորություն է տալիս անելու այն, ինչի նա ընդունակ չէ առողջ ժամանակ, այսինքն՝ թունավոր կծոցի միջոցով սպանել իր մերձավորին։ Կատաղությունը չի վեհացնում դրանով հիվանդացողին։ Բարոյականի զգացումը մարդուն հնարավորություն է տալիս չարիք գործելու։ Եվ գործել հազարավոր զանազան եղանակներով։ Բարոյական զգացման համեմատությամբ կատաղությունը անմեղ ցավ է։ Հետևաբար, Բարոյականի զգացման առկայությունը ոչ ոքի չի կարող վեհացնել։ Ուրեմն, ո՞րն էր այն անեծքը, որ դրվեց մարդկության նախահայրերի վրա։ Դա այն էր, որ մարդուն պարտադրեցին Բարոյականի զգացումը, այսինքն՝ չարն ու բարին տարբերելու ընդունակություն, իսկ դրա հետ միասին, ըստ անհրաժեշտության, նաև չարիք գործելու ընդունակություն, որովհետև չարագործությունը այդպիսին է դառնում միայն այն դեպքում, երբ այն կատարողը գիտակցում է, թե ինչ է անում։
Այդպիսով, ես հաստատեցի, որ մենք հետադիմել ու այլասերվել ենք մի հեռավոր նախնիից՝ մի չնչին արարածից, որը գուցե և իր հաճույքի համար լողալիս է եղել ջրակաթիլի լայնարձակ տարածություններում, և ապա՝ միջատից֊միջատ, կենդանուց֊կենդանի, սողունից֊սողուն, ավելի ու ավելի ցած իջել անբիծ անմեղության երկար ուղիով, մինչև որ, ի վերջո, հասել ենք զարգացման ամենացածր աստիճանին և ստացել մարդ անունը։ Մեզանից ավելի ցածր ոչինչ չկա։ Ոչինչ, բացի ֆրանսիացուց։
Բարոյականի զգացումից ցածր կարող է լինել միայն Անբարոյականի զգացումը։ Ֆրանսիացիներն օժտված են դրանով։ Մարդը կանգնած է հրեշտակներից մի փոքր ցած։ Սա նրա տեղադրության ամենաճիշտ սահմանումն է․ նա գտնվում է հրեշտակների ու ֆրանսիացիների մեջտեղում։
Որ կողմից էլ որ նայելու լինենք, մարդը պատկերանում է որպես բավականաչափ խղճուկ արարած, ամեն տեսակ թուլությունների ու թերությունների յուրատեսակ Բրիտանական թանգարան։ Նրան շարունակ նորոգում ու կարկատում են։ Նրա նման անկատար մեքենան ոչ մի սպառող չէր գտնի։ Նրա գլխավոր մասնագիտությանը՝ Բարոյականի զգացմանը գումարվում են բազմաթիվ ավելի թեթև ցավեր այնպիսի քանակությամբ, որ ընդհանուր առմամբ ասելով, դրանք ուղղակի կարելի է անվանել անհամար։ Բարձրակարգ կենդանիների ատամները երևան են գալիս, նրանց չպատճառելով ո՛չ ցավ, ո՛չ անհարմարություն։ Իսկ մարդը ատամներ հանում է մի քանի ամիս շարունակվող տանջանքների գնով և այն էլ քնքուշ հասակում, երբ դեռ ցավ տանելու ընդունակ չէ։ Դեռ նոր հանած՝ այդ ատամներն ընկնում են, որովհետև հենց սկզբից էլ դրանք փտած են եղել և մեկ անքուն գիշերվա արժեք էլ չեն ունեցել։ Ատամների երկրորդ շարանը միառժամանակ դեռ պահպանվում է շնորհիվ այն բանի, որ դրանք ժամանակ առ ժամանակ բուժում են կաուչուկի և ոսկու օգնությամբ, բայց հուսալի լինում են միայն այն ծնոտները, որ մարդու համար պատրաստում է ատամնաբույժը։ Դրանք կոչվում են «կեղծ ատամներ», կարծես թե մարդը ոչ կեղծ ատամներ էլ է ունենում։
Վայրի, այսինքն բնական վիճակում բարձրակարգ կենդանիները համարյա թե չեն հիվանդանում, նրանց հիվանդությունները ծանր չեն, և ամենասարսափելի հիվանդությունն նրանց համար, թերևս, ծերությունն է։ Բայց մարդը հիվանդություններ ձեռք է բերում դեռ մանուկ հասակից ու մինչև կյանքի վերջը շարունակ տառապում է դրանցից։ Խոզուկը, կարմրուկը, կապույտ հազը, խռուկը, նշկաբորբը, դիֆտերիան, քութեշը ինքնըստինքյան հասկանալի են։ Այնուհետև նրա կյանքին սկսում են ամեն րոպե սպառնալ հարբուխը, հազը, շնչարգելությունը, բրոնխիտը, քոսը, քաղցկեղը, խոլերան, թոքախտը, դեղին տենդը, լեղախիթը, տիֆը, խոտատենդը, դողէրոցքը, զանազան ցաները, թութքը, աղեբորբը, անմարսողությունը, ատամի ցավը, ականջի ցավը, խլությունը, համրությունը, կուրությունը, գրիպը, ջրծաղիկը, կովածաղիկը, սև ծաղիկը, լյարդաքարերը, կորյակները, չիբանները, թարախապալարները, հոդացավը, կոշտուկները, ուռուցքները, վիրախորշերը, թոքաբորբը, ուղեղի փափկացումը, մելամաղձությունը և խելագարության էլի տասնհինգ տարատեսակներ, արյունալուծը, դեղնախտը, սրտի, ոսկորների, մաշկի, գանգամաշկի, փայծաղի, երիկամների, նյարդերի, ուղեղի, արյան հիվանդությունները, ինչպես նաև գեղձախտը, անդամալուծությունը, բորոտությունը, գլխացավերը, հոդացավի տասներեք տարատեսակները, հոդատապի քառասունվեց տարատեսակները և անպատշաճ հիվանդությունների չափազանց պատկառելի մի ցանկ, հիվանդություններ, որոնց անունները համարվում են ոչ տպագրելի։ Եվ բացի այդ․․․ բայց ինչո՞ւ շարունակենք ցուցակը։ Եթե մարդու մարմնի վրա ամենամանր տառերով տպագրելու լինենք այն միջոցների անունները, որոնք նախատեսված են այդ խարխլված մեքենան շարքից հանելու համար, տեղը չի բավականացնի։ Մարդն ընդամենը ժանտախտանեխուկի մի ամբար է բյուրավոր ամեն տեսակ մանրէների սնման ու զվարճանալու համար՝ ամբողջ բանակների, որոնց հրամայված է սպանել ու փտեցնել նրան, և բանակներից յուրաքանչյուրին հանձնարարված է այդ աշխատանքի մի որոշ մասը։ Հենց որ մարդն առաջին անգամ շունչ է քաշում, նրան արդեն սկսում են հետապնդել, հալածել, հոշոտել ու սպանել անողոքաբար և անգթորեն, մինչև որ նա փչում է վերջին շունչը։
Զննեք մարդու օրգանիզմի որոշ մասերը։ Նրա ինչի՞ն են հարկավոր նշագեղձերը։ Դրանք ոչ մի կարևոր դեր չեն խաղում․ դրանք ոչ մի բանի համար հարկավոր չեն։ Դրանք մարդու կոկորդում ոչինչ չունեն անելու։ Դրանք սոսկ ծուղակ են։ Դրանք ունեն միայն մեկ դեր, մեկ նպատակ՝ իրենց տիրոջը ապահովել նշկաբորբով, բկաբորբով և նման այլ հիվանդություններով։ Կամ նրա ինչին է պետք կույր աղիքը։ Այն ոչ մի բանի համար հարկավոր չէ, այն ոչ մի օգտակար ծառայություն չի կատարում։ Դա ընդամենը մի դարանակալ թշնամի է, որը սպասում է մի պատահական խաղողի կորիզի երևալուն, որպեսզի դրա օգնությամբ թարախային բորբոքում առաջացնի։ Իսկ ինչի համար են տղամարդու կրծքապտուկները։ Գործնական տեսակետից դրանք անօգուտ բաներ են, իսկ որպես զարդարանք ոչ մի քննադատության չեն դիմանում։ Իսկ ինչի է պետք տղամարդուն մորուքը։ Այն ոչ մի օգտակար դեր չի խաղում և միայն անհարմարություններ է ստեղծում․ բոլոր ազգերը ատում են մորուքը, բոլոր ազգերը ածելու օգնությամբ այն ոչնչացնում են։ Բայց քանի որ մորուքը պատճառում է միայն տհաճ անհարմարություններ, Բնությունը թույլ չի տալիս, որ նվազեն նրա պաշարները տղամարդու օրգանիզմում՝ նրա հասունության ժամանակից մինչև մահ֊գերեզման։ Դեռ ոչ ոք չի տեսել ճաղատ կզակով տղամարդու։ Բայց տեսեք նրա մազերը։ Դրանք սքանչելի զարդարանք են, դրանք հարմարություն են, դրանք որոշ կործանարար հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոց են, և մարդը դրանք գնահատում է զմրուխտից ու սուտակից ավելի։ Բայց հենց դրա համար էլ Բնությունը մարդու գլխին այնքան անփույթ է ամրացնում մազերը, որ դրանք սովորաբար երկար չեն մնում այնտեղ։ Մարդու տեսողությունը, հոտառությունը, լսողությունը, կողմնորոշվելու զգացումը՝ այդ բոլորը որքա՜ն խղճուկ են։ Անգղը լեշը տեսնում է հինգ մղոն հեռավորությունից, մարդը դրան ընդունակ չէ, ինչպիսի հեռադիտակ էլ օգտագործի։ Խուզարկու շունը գնում է երկօրյա վաղեմության հետքով։ Շիկահավը լսում է, թե որդն ինչպես է փորում գետինը։ Կատուն, եթե նրան փակ զամբյուղով տանեն քսան մղոն հեռու, կգտնի տուն վերադառնալու ճանապարհը այնպիսի տեղերով, որ անցյալում երբեք տեսած չի եղել։
Թույլ սեռին հատուկ որոշ ֆունկցիաներ նույնպես ամենախղճուկ տպավորություն են թողնում, եթե դրանք համեմատենք բարձրակարգ կենդանիների նույնպիսի ֆունկցիաների հետ։ Կնոջ համար այնպիսի բառերը, ինչպիսիք են դաշտանը, հղիությունը և ծննդաբերությունը, անասելի սարսափ են նշանակում։ Մինչդեռ բարձրակարգ կենդանիների մոտ այդ երևույթները չի կարելի անվանել նույնիսկ անհարմարություն։
Ինչ վերաբերում է արտաքինին, նայեք բենգալական առյուծին՝ նրբագեղության, գեղեցկության, ֆիզիկական կատարելության և վեհության այդ իդեալին։ Իսկ հետո նայեք մարդուն, այդ կեղծամ դրած խղճուկ արարածին՝ շաղափված զանգով, լսափողակով, արհեստական աչքով, ստվարաթղթե քթով, ճենապակյա ատամներով, արծաթե կոկորդով, փայտե ոտքով այդ կենդանուն, այդ արարածին, որը ոտքից մինչև գլուխ կազմված է կարկատաններից ու լցոններից։ Եթե այն աշխարհում նրան չհաջողվի հետ ստանալ այդ ամբողջ խաբուսիկ շքեղությունը, նա ի՞նչ տեսք կունենա։
Բայց մի տեսակետից մարդու գերազանցությունն անվիճելի է։ Նրա բանականությունն անհամեմատելի է։ Այստեղ բարձրակարգ կենդանիները շատ հեռու են նրանից։ Եվ որքա՜ն ուշագրավ, որքա՜ն հետաքրքրական է, որ ոչ մի դրախտում դեռ տեղ չի հատկացված նրա այդ անվիճելի արժանիքի համար։ Նույնիսկ այն դեպքում, երբ նա ինքն է հորինում դրախտը, նա իր համար այնտեղ չի ապահովում որևէ մտավոր ուրախություն։ Զարմանալի՜ վրիպում։ Ըստ էության, դա նշանակում է, որ երկինքը նախատեսվում է միայն բարձրակարգ կենդանիների համար։ Այս մասին արժե մտորել, և մտորել շատ լրջորեն։ Եվ բխում է մի անչափ մռայլ հետևություն, որ մենք, թերևս, բնավ էլ այնքան կարևոր չենք, ինչպես մեզ միշտ թվացել է։
- ↑ Այս հատվածին պետք է, ըստ երևույթին, նախորդեին լրագրային քաղվածքները Կրետում՝ 1897 թ․ Կրետական ապստամբության ժամանակ սանձազերծված կրոնական հետապնդումների մասին։ Ծան․ ռուս․ խմբ․։