Changes

Հաղթանակի ճանապարհներ

Ավելացվել է 80 764 բայտ, 12:04, 12 Հունիսի 2016
/* Գլուխ յոթերորդ։ Առաջ... դեպի արևելք */
== Գլուխ յոթերորդ։ Առաջ... դեպի արևելք ==
 
Այո, 1֊ին Բելոռուսական ռազմաճակատի աջ թևի համար երկյուղները զուր չէին։ Արևելյան Պոմերանիայում հակառակորդը զգալի ուժեր էր կուտակում, այստեղ բալթյան Դանցիգ և Գդինյա նավահանգիստների վրայով ծովով Արևելյան Պրուսիայից ժամանում էին նրա նորանոր զորքերը։ Թշնամոլ «Վիսլա» անվամբ այդ խմբավորումը սպառնում էր ոչ միայն 1֊ին Բելոռուսական ռազմաճակատի աջ թևին, այլև նրա հաղորդակցության բոլոր ուղիներին, առավել ևս, որ 2-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը ձգձգվող մարտեր էին մղում Դանցիգի և Գդինյայի ուղղությամբ, Թշնամու շրջապատված խմբավորումները շարունակում էին դիմադրությունը Պոզնան, Շնայդեմյուլ, Դոյչե Կրոնե, Անսվալդե քաղաքներում։
 
Այդ պայմաններում անհրաժեշտ էր, ոչնչացնելով շրշապատված խմբավորումները, հարձակում կազմակերպել թշնամու արևելապոմերանյան խմբավորման վրա, ապահովելու համար այն զորքերի թևերի հուսալիությունը, որոնք առաջիկայում պետք է հարձակվեին գլխավոր՝ Բեռլինի, ուղղությամբ։
 
Բայց ես մի փոքր կշեղվեմ Արևելապոմերանյան օպերացիայի նկարագրությունից, որպեսզի բնութագրեմ այդ ժամանակ սովետա֊գերմանական ճակատում ստեղծված ստրատեգիական ընդհանուր իրադրությունը։
 
Մարշալ Ա. Մ. Վասիլևսկու հրամանատարությամբ գործող 3֊րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը, ջախջախելով թշնամու խոշոր խմբավորումը, շրջապատեցին քաղաք֊ամրոց Քյոնիգսբերգը (Կալինինգրադ)։ Այդ ռազմաճակատի աջ թևը հակառակորդից մաքրազարդում էր Զեմլանդի թերակղզին։
 
Մարշալ Կ. Կ. Ռոկոսովսկու հրամանատարությամբ գործող 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը, մեկը մյուսի հետևից ճեղքելով հակառակորդի պաշտպանական բնագծերը, դուրս եկան Բալթիկ ծովի ափ՝ Էլբինգ քաղաքից հյուսիս, կտրելով դեպի արևմուտք արևելապրուսական խմբավորման նահանջի ճանապարհները։ Այդ ռազմաճակատի գլխավոր ուժերը, ինչպես վերն արդեն ասացի, մարտեր էին մղում Բալթիկ ծովի Դանցիգ (Գդանսկ) և Գդինյա նավահանգիստների ուղղությամբ։
 
Ստրատեգիական հարձակման կենտրոնում մարշալ Գ. Կ. Ժուկովի (1֊ին Բելոռուսական ռազմաճակատ) և Ի. Ս. Կոնևի (1֊ին Ուկրաինական ռազմաճակատ) զորքերը, կատարելով թշնամու խոշոր խմբավորման հաշվեհարդարը, լայն ճակատով դուրս եկան Օդերի մոտ և այստեղ գրավեցին հետագա առաջխաղացման համար կարևոր հենակետեր։
 
2-րդ Ուկրաինականի աջ թևի և 1-ին Ուկրաինականի ձախ թևի միջև՝ Չեխոսլովակիայում, հարձակվում էին բանակի գեներալ Ի. Ե. Պետրովի հրամանատարությամբ գործող 4֊րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը։
 
Փետրվարի առաջին կեսին տեղի ունեցավ Յալթայի պատմական կոնֆերանսը, որը հաստատեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի վերաբերյալ հաղթող երկրների պահանջը։
 
Սովետական հարձակման հաջողությունները արևմտյան տերություններին հնարավորություն տվեցին Յալթայի կոնֆերանսից քիչ առաջ վերսկսել հարձակողական գործողությունները Արդենների շրջանում և շոշափելի պարտության մատնել-գերմանական զորախմբին, որի հրամանատարն էր գեներալ-ֆելդմարշալ Ռունդշտեդտը։
 
Եվ ահա թե այդ առնչությամբ ինչ է գրում մեր նախկին դաշնակից Ջ. Ֆուլլերը։
 
«Նորմալ պատերազմում Ռունդշտեդտի պարտությունն Արդեններում անհապաղ կհանգեցներ ռազմական գործողությունների դադարեցման։ Սակայն անվերապահ կապիտուլյացիայի պահանջի հետևանքով պատերազմը բնավ նորմալ չէր։ Հետևելով այդ ապուշ լոզունգին (՜), արևմտյան դաշնակից տերությունները չէին կարող առաջարկել ոչ մի, նույնիսկ ամենադաժան պայման։ Նրանց հակառակորդը ևս չէր կարող խնդրել որևէ պայման, նույնիսկ՝ ամենաստորացուցիչը։ Եվ ահա այնպես ստացվեց, որ Հիտլերին, ինչպես Սամսոնին, մնում էր Կենտրոնական Եվրոպայի ամբողջ շենքը փուլ տալ իր գլխին, իր ժողովրդի և իր թշնամիների գլխին»։
 
Ա՜յ քեզ աստվածաշնչյան զուգորդումներ Հիտլերի հետ։ Եվ լիովին աներկբա է չարագործին արդարացնելու, նրա վերջին չարագործության համար արդարացում գտնելու փորձը։
 
Հիշո՞ւմ եք, թե անվերապահ կապիտուլյացիայի պահանջը Գուդերիանն ինչպես էր անվանում «դաժանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։
 
Անմտություն էր շարունակել դիմադրությունը, իր արկածախնդրությունների դիմաց վճարելով ժողովրդի արյամբ, բայց Հիտլերը շարունակում էր անմիտ դիմադրությունը։ Եվ Ֆուլլերը՝ անգլիացի գեներալը, արդարացնում է նրան. «Պատերազմն արդեն վերջնականապես տանուլ էր տված, այժմ նրա քաղաքական նպատակը քաոսն էր, և անվերապահ կապիտուլյացիա պահանջի պատճառով Հիտլերը կարող էր հասնել այդ նպատակին»։
 
Ֆուլլեր—Գուդերիան. զգացմունքների ինչպիսի՜ հուզիչ միասնություն, թշնամու քրիստոնեական ինչպիսի ամենաներում։ Զարմանք ես կտրում։ Եվ դա այն բանից հետո, երբ Հիտլերի հրամանով բրիտանական կղզիները ենթարկվեցին ամենադաժան ու անողոք ռմբակոծման, և անգլիական քաղաքների խաղաղ բնակչությունը այնքան անմեղ զոհեր տվեց։
 
Ինչ է դա՝ անգլիացի ջենտլմենի տխրահռչակ բարեվարքությո՞ւն։
 
Ինչպե՜ս չէ։ Ամեն ինչ ավելի պարզ է, ավելի կոպիտ։ Պարզվում է, որ «Արևելյան Եվրոպան քաղաքականապես արդեն կորսված էր դեմոկրատիայի համար», իսկ արևմտյան դաշնակից տերությունների տեսակետից, պատերազմը ստրատեգիապես շահելն ու այն քաղաքականապես տանուլ տալը նշանակում էր պատերազմն ընդունել իբրև իր ամեն մի իմաստը կորցրած մի բան։
 
Եվ անմիտ (դա հենց Գուդերիանի ձևակերպումն է) արյունահհղությունը շարունակվում էր։ Հիտլերյան կայազորներն արևմուտքում պատրաստակամորեն, առանց մարտի, հանձնվում էին անգլոամերիկյան զորքերին, բայց կատաղաբար դիմադրում էին սովետական զորքերին։ Այդուամենայնիվ, փետրվարի 11֊ին անձնատուր եղավ Դոյչե Կրոնե ամրոցը, երեք օր անց՝ Շնայդեմյուլը։
 
Փետրվարի 16 ին «Վիսլա» բանակախմբի զորքերր հարձակողական ակտիվ գործողություններ ձեռնարկեցին և նույնիսկ 8—12 կիլոմետր հետ մղեցին 1֊ին Բելոռուսական ռազմաճակատի 47-րդ բանակին։ Բայց փետրվարի 18֊ին մեր զորքերի համառ գործողությունների շնորհիվ թշնամու հարձակումը կաթվածի ենթարկվեց։
 
Այդ գործողություններին մասնակցեց 1֊ին և 2֊րդ գվարդիական տանկային բանակների ուժերի մի մասը, բանակներ, որոնք այդ ժամանակ վերախմբավորվում էին Բեռլինխենի շրջանում, որտեղից պետք է սկսվեր հակառակորդի ջախջախման օպերացիան Արևելյան Պոմերանիայում։
 
Այդ օպերացիային մասնակցեցին մարշալ Կ. Կ. Ռոկոսովսկու 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը (2-րդ հարվածային, 65֊րդ, 49֊րդ, 70-րդ բանակները, որոնք ուժեղացնելու համար այստեղ էին փոխադրվել 19֊րդ բանակը և 3֊րդ գվարդիական տանկային կորպուսը) և 1-ին Բելոռուսականի աջ թևը (3֊րդ հարվածային, 61֊րդ, 47֊րդ բանակներր, 1֊ին և 2֊րդ գվարդիական տանկային բանակները, լեհական զորքի 1֊ին բանակը)։
 
Մեր հարձակմանը հակազդելու համար թշնամին 35 դիվիզիա և զգալի քանակությամբ առանձին զորամասեր ուներ։
 
Արևելյան Պոմերանիան ձգված է Բալթիկ ծովի հարավային ափերի երկարությամբ, նրա տարածքն առատ է բլուրներով, անտառներով, գետերով, գետակներով, լճերով ու լճակներով, որոնց միջև նեղ անցումներ կան։ Այդ ամենը, բնականաբար, դժվարացնում է հարձակումը, բայց դրա փոխարեն հակառակորդին շատ է օգնում համեմատաբար փոքրաթիվ ուժերով պաշտպանություն կազմակերպել։
 
Եվ ճանապարհները։ Դրանք, եթե խոսելու լինենք ամուր ծածկով ճանապարհների մասին, որոնք հիմնականում խստիվ ձգվում են արևմուտքից դեպի արևելք, Արևելյան Պրուսիան կապում են Գերմանիայի կենտրոնի հետ և գրեթե չկան հարավից դեպի հյուսիս ձգվող ճանապարհներ, որոնք անհրաժեշտ էին մեզ՝ հղացված հարձակման համար։
 
1֊ին Բելոռուսական ռազմաճակատի զորքերի հարվածային խմբավորման առաջիկա հարձակման գոտում հարավից հյուսիս միայն մի ամրածածկ ճանապարհ էր ձգվում՝ դեպի Կոլբերգ։ Մնացած բոլորը սայլուղիներ էին։ Իսկ այդ ժամանակ սկսվեցին ձնհալը, թաց ձյունատեղումը, անձրևները։
 
Հետախուզությունը զեկուցում էր, որ բոլոր ճանապարհները, լճամիջյան ու անտառային անցումները թշնամին նախապատրաստել է ականապատման, ստեղծվել են անտառային կապաններ, բնակավայրերում ամեն ինչ պատրաստ է շրջանաձև պաշտպանության՝ տների նկուղներն ու ձեղնահարկերը հարմարեցվել են գնդացրային կրակակետերի համար, փողոցներում քարապատնեշներ են։
 
Անտառներում քիչ չեն գերմանացի զինվորների ու սպաների թափառող խմբերը՝ դեռ Վիսլա֊Օդերյան օպերացիայի ժամանակ հակառակորդի ցիրուցան եղած զորքերի մնացորդները։ Ուստի, անվտանգ չէ միայնակ տեղաշարժվելը. կան մեր մարտիկների ու հրամանատարների վրա հարձակվելու դեպքեր։
 
Բայց թափառող խմբերի մեծ մասը՝ բարոյալքված, քաղցած, մազակալած, ցնցոտիավոր զինվորներ, դուրս է գալիս մեր զորքերի դասավորության շրջանը, խնդրելով գթություն և հաց։
 
Ահա նրանք՝ «Եվրոպայի հաղթողները», ինչպիսի՜ ողբալի վախճան։ Իսկ և իսկ Բերեզինայից հետո Նապոլեոնի նահանջող զորքը։ Եվ նույնպես հագել են բնակչությունից խլված քաղաքացիական զգեստ ու անգամ կանացի շորեր։
 
Սովետական զինվորի արթուն աչքը հայտնաբերում է այդ «հերոսներին», որոնք փորձում են անցնել Օդերի մյուս կողմը, ավելի մոտենալ իրենց զորքերին։ Նրանց ուղարկում են ռազմագերիների հավաքակետեր, առանձնացնելով մնացած գաղթականներից։
 
Ճանապարհներն ամենուրեք բռնված են գաղթականներով։ Նրանք դեպի արևմուտք են փախչում ռուսներից, «հեթանոսական բնաջնջումից», որով նրանց ահաբեկում էր գեբելսյան պրոպագանդան։
 
Նրանք ապշած նայում են, թե ինչպես են սովետական զինվորները ազատում տները՝ իրենց երեխաներին ու հիվանդներին այնտեղ տեղավորելու համար, ինչպես են հոգատարությամբ պառավ կնոջն օգնում բարձրանալ սանդուղքով, ինչպես են գերմանացի տղեկին տալիս իրենց մի կտոր հացը։
 
Նացիստական պրոպագանդայի թույնով թունավորված այդ գաղթականները չգիտեին, որ պատերազմի առաջին իսկ օրերից սովետական մարդկանց նեշնչել էին, թե հիտլերներն ու ֆաշիստները գալիս են և գնում, իսկ գերմանական ժողովուրդը մնում է։
 
Նրանց հայտնի չէր, որ սովետական հաղթող զինվորը դաստիարակված է ոչ թե վրեժի ապականիչ, չարաղետ գաղափարներով, թեև նա վրիժառության հիմք ունի, այլ մարդասիրության լուսավոր գաղափարներով, աշխարհի ժողովուրդների նկատմամբ խորին հարգանքի ոգով։
 
Ժամանակն արագ անցնում է։ Փետրվարի 28֊ին մի խումբ սպաների հետ ժամանեցի 3֊րդ հարվածային բանակի հրամանատար, գեներալ Ն. Պ. Սիմոնյակի հրամկետ, բանակ, որի գոտում պետք է ճեղքման մեջ մտներ մեր տանկային կորպուսը։ Հարկավոր էր վերջին անդամ ճշտել փոխգործողության բոլոր հարցերը։
 
Ն. Պ. Սիմոնյակը մեզ ընդունեց որքան կարելի է սիրալիր ու գրկաբաց։ Մեր աշխատանքը ձգձգվեց մինչև լուսաբաց։
 
— Մնացեք,— առաջարկեց գեներալը,— մենք սիրում ենք տանկիստներին։ Միասին կնախաճաշենք, իսկ հետո կգրոհենք թշնամու վրա։ Ձեզ կապահովենք կապի միջոցով և այստեղից կկարողանաք ղեկավարել ձեր զորքերը։
 
Մենք շնորհակալություն հայտնեցինք, բայց իհարկե, չհամաձայնեցինք մնալ։
 
— Դե լավ։ Այդ դեպքում շուտ գնացեք այստեղից, տղերք, որովհետև շուտով կսկսվի հրետանային նախապատրաստությունը, իսկ արկերի տակ դաշտերում զբոսնելն այնքան էլան վտանգ չէ։
 
Եվ իրոք։ Ճանապարհի կեսն էլ չէինք հասցրել անցնել, երբ հրետակոծությունը ճեղքեց երկինքը։
 
Մենք առաջ էինք շարժվում փոքրիկ լեռնագոգերով, ոլորմոլոր մերթ աջ էինք թեքվում, մերթ ձախ, մինչև որ հանդիպեցինք 122 միլիմետրանոց հաուբիցների մարտկոցին։ Այնտեղից դուրս թռավ մի ավագ լեյտենանտ և բավականին վիրավորական կերպով մեզ որակից։ Մոտենալով ու մեքենաներում մի քանի ավագ սպա տեսնելով, ներողություն խնդրեց։ Մենք պատասխանեցինք, որ նա ներողություն խնդրելու պատճառ չունի, մենք իսկապես անխոհեմություն ենք անում, թրև գալով հաուբիցների փողերի տակ։ Նա մեզ բարի ճանապարհ մաղթեց, ըստ որում, գլուխն այնպես տարուբերելով, որ հասկանալի էր՝ իր կարծիքը մեր մասին շատ էլ չէր փոխել։
 
Բայց ինչ արած, հարկավոր էր շուտ հասնել մեր զորամասերը, ախր հրետանային նախապատրաստությունը նշանակում էր, որ հարձակումը փաստորեն սկսվել է։
 
Սկսվեց։ 3-րդ հարվածային, 61-րդ բանակները և լեհական զորքի 1֊ին բանակը ամբողջ ռազմաճակատով շարժվեցին առաջ։ Շարժվեցին, չնայած թաց ձյանն ու մառախուղին, որը ցածրավայրերում այնքան թանձր էր, որ ոչինչ չէր երևում։ Երեք ժամում հաջողվեց առաջ շարժվել ընդամենը մեկուկես-երկու կիլոմետր։
 
Եվ հակառակորդն էլ ուժեղ դիմադրություն էր ցույց տալիս, հենվելով ինժեներական առում ով լավ կազմակերպված իր պաշտպանության վրա։ Անհրաժեշտ էր արագացնել նրա տակտիկական գոտու ճեղքումը։
 
Տանկիստները սպասում էին, որ ուր որ է իրենց կուղարկեն ճեղքելու թշնամու պաշտպանությունը։ Այդպես էլ եղավ։ Մարտի 1-ին, առավոտյան ժամը 11-ին, 11-րդ գվարդիական տանկային կորպուսի առաջավոր ջոկատները շարժվեցին առաջ դեպի հյուսիս, նրանց հետևից սկսեցին առաջ շարժվել կորպուսի գլխավոր ուժերը։ Մեզանից աջ գործում էր Ի. Ֆ. Դրեմովի 8-րդ գվարդիական մեքենայացված կորպուսը։
 
Դրանից մի քանի օր առաջ բանակի շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, երբ ճշտվում էին կորպուսների խնդիրները և երբ պարզվեց, որ ամրածածկ միակ ճանապարհը գտնվում է իմ կորպուսի շարժման կենտրոնում, Իվան Ֆյոդորովիչը մոտեցավ ինձ, քնքշորեն թևանցուկ արեց և մի կողմ տարավ։
 
— Ասա, Արմո, ես քո բարեկամն եմ, թե ոչ։
 
— Անտարակույս, դու իմ ամենալավ բարեկամներից մեկն ես,— պատասխանեցի ես, կռահելով, որ Դրեմովը բնավ էլ հռետորական հարց չի տալիս։
 
— Ասա նաև, ճի՞շտ է, որ, ըստ կովկասյան ադաթի, եթե բարեկամիդ մի որևէ բան դուր է գալիս, դու պետք է դա նրան նվիրես։
 
— Գրեթե այդպես է։
 
— Ինչո՞ւ գրեթե։
 
— Դե... որովհետև, ադաթր թույլ չի տալիս նվիրել կնոջը, սիրած ձին։
 
— Ճիշտ ադաթ է,— ընդհատեց ինձ Դրեմովը,— կնոջը չի կարելի նվիրել, ես ու դու էլ ձի չունենք։ Իսկ այ դեպի Կոլբերգ տանող ճանապարհը եկ հավասար կիսենք։
 
— Այդ ինչպե՞ս, խճուղու աջ կողմը քեզ, ձախը ի՞նձ։
 
— Մի խորամանկիր Արմո, չէ որ հասկացար, եկ այդ ճանապարհից միասին օգտվենք։ Առարկես, չառարկես, միևնույն է, իմ ավտոտրանսպորտն էլ կգնա այդ ճանապարհով։ Հասկացա՞ր։ Դա համապատասխանո՞ւմ է քո ադաթին։
 
— Լավ, Իվան Ֆյոդորովիչ, համապատասխանում է։ Միայն թե ինչպես հարկն է կարգավորիր շարասյուների շարժումը։
 
Ձնհալն ու գարնանային անձրևները տեսան իրենց գործը. բոլոր սայլուղիները վերածվեցին համատարած շլոփայի։ Ավտոմեքենաները, հրանոթները ամենուրեք թաղվում էին ցեխի մեջ։
 
Քանի դեռ խճուղում երկուսով էինք՝ ես ու Դրեմովը, ոչինչ, կարգուկանոն կար։ Բայց այդ ժամանակ սկսեցին թեքվել և միակ խճուղի դուրս գալ հարձակվող զորքերի նաև մյուս շարասյուները։ Մեծ խառնաշփոթություն առաջացավ՝ խցանումներ, խցանումներ, խցանումներ։ Մեր բախտից մառախլապատ է, ցածր ամպամածություն, ոչ թռիչքային եղանակ, այլապես շատ կտուժեինք հակառակորդի ավիացիայից։
 
Ճանապարհներին խռնվածքները վերացնելու ուղարկված շտաբային սպաները ոչինչ չէին կարողանում անել։ Տաքացած, խցանումների դեմ մարտի նետվեցինք նաև ես ու իմ տեղակալը՝ գնդապետ Պ. Ա. Գարկուշան։
 
Բայց ո՛չ մեր հորդորները լուրջ հաջողություն ունեցան, ո՛չ խիստ բղավոցները, ո՛չ էլ հաստատակամ կարգադրությունները. թիկունքային ծառայության բոլոր սպաները ձգտում էին իրենց պաշարներով հետ չմնալ իրենց զորքերի մարտակարգերից, և մեր ճանապարհին խցանումները ոչ թե աստիճանաբար վերանում էին, այլ, ընդհակառակը, ավելի հոծանում։
 
Ես ու Գարկուշան ուժասպառ եղանք, իսկ այդ ժամանակ, հակառակի պես, հանդիպեցինք բանակի հրամանատար Մ. Ե. Կատուկովին, որը օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Մ. Տ. Նիկիտինի հետ միասին խռնվածքների միջով ճեղքում-անցնում էր դեպի հյուսիս՝ ավելի մոտ գործող զորամասերին։
 
— Արմո, դու պետք է քո առաջավոր բրիգադների մարտը ղեկավարես, և ոչ թե կռվես խցանումների դեմ,— խստորեն ասաց ինձ բանակի հրամանատարը։
 
Ես չառարկեցի։ Կատուկովն իրավացի էր. բոլոր հանգամանքներում հրամանատարը պետք է ճշտիվ որոշի, թե իր ներկայությունը որտեղ է ավելի անհրաժեշտ, և գտնվի հենց այնտեղ։ Հարկավոր է կարողանալ նաև մարտի պայմաններում պարտականությունները հմտորեն բաշխել իր, իր տեղակալների և օգնականների միջև, այլ ոչ թե տաքացած, անձամբ ձեռքը գցել ամեն ինչի։
 
— Անհրաժեշտ է արագացնել բրիգադների առաջխաղացումը դեպի հյուսիս,— հրամայեց բանակի հրամանատարը։ — Ուշադրությամբ հետևիր հարևաններիդ գործերին, դա կօգնի։ Նիկիտինը կբացատրի, թե ինչն ինչոց է։
 
«Ի՞նչ կապ ունեն այստեղ հարևանները»,— մտածեցի ես։
 
Բայց Մ. Տ. Նիկիտինը բացատրեց։ Այնպես բացատրեց, որ անմիջապես պարզ դարձավ, թե ինչպես պետք է գործել այսուհետև։
 
Մատվեյ Տիմոֆեևիչին ճանաչում էի 1942 թվականի աշնանից, նա 3֊րդ մեքկորպուսի շտաբի պետն էր, իսկ ես՝ այդ կորպուսի բրիգադներից մեկի հրամանատարը։ Նա շրջապատի մարդկանց հիացմունքն էր հարուցում իր փայլուն խորագիտակությամբ ու բացառիկ հիշողությամբ, առանց կմկմալու կարող էր թելադրել օպերատիվ երկար ամփոփագրեր, զորամասերի ու միավորումների մասին հիշում էր այն ամենը, ինչը չէին մտապահում նույնիսկ այդ զորամասերի հրամանատարները։
 
— Համազասպ Խաչատուրովիչ, գիտե՞ք, թե ինչպես կարելի է բոլորից հեշտ վերացնել այս խցանումները,— վերջում հարցրեց Մ. Տ. Նիկիտինը։— Հարկավոր է, որ գործող զորամասերն ավելի արագ, մարտերով, առաջ շարժվեն դեպի հյուսիս։ Երբ տանկային բրիգադներն առաջ նետվեն ու շատ հեռանան, ավտոմոբիլային խցանումներն ինքնին կվերանան։
 
Եվ իրոք, ելքը միակն էր, ամենահասարակը, ուստի, ամենախելացին։ Ես ի սրտե շնորհակալություն հայտնեցի Մատվեյ Տիմռֆեևիչին՝ այն ժամանակ գնդապետ Նիկիտինին, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի ապագա պետ, գեներալ-գնդապետ Նիկիտինին, հիանալով, թվում է թե անելանելիորեն բարդ պրոբլեմների զարմանալիորեն պարզ լուծումներ գտնելու նրա հմտությամբ...
 
Դանդաղ, մարտերով, բայց անշեղորեն դեպի հյուսիս են շարժվում մեր կորպուսի 40֊րդ, 44-րդ 45֊րդ տանկային բրիգադները։ Առանձնասլես դժվար է առաջավոր ջոկատի՝ Ի. Ի. Գուսակովսկու 44֊րդ բրիգադի համար, ամեն քայլափոխին կապաններ են, ականադաշտեր։
 
Բայց հեշտ չէ նաև ճանապարհազուրկ տեղանքով հարձակվող Մ. Ա. Սմիռնովի 40-րդ և Ն. Վ. Մորգունովի 45-րդ, բրիգադների համար։
 
Անտառային արահետները, լճամիջյան անցումները փակված են կտրված ծառերով, որոնց արանքներում ականներ են դրված։ Օպերացիայի առաջին օրվա վերջին հաջողվեց, առաջխաղալ աննշան չափով։
 
Մարտական գործողությունները չեն դադարում նաև մարտի լույս 2֊ի գիշերը։ Մարտի 2-ին, մինչև երեկո, 11֊րդ գվարդիական տանկային և աջից մեր հարևան 8֊րդ գվարդիական մեքենայացված կորպուսները ճեղքում առաջ են անցնում ևս 30—35 կիլոմետր։ Մեքենայացված կորպուսի առաջավոր ջոկատը գրավում է Ցուլցիֆից քաղաքը։ Մեր 44-րդ բրիգադը՝ Լաբես քաղաքը։
 
Այդ քաղաքների բնագիծ դուրս գալու հետ գործը հեշտացավ, այստեղ արդեն խճուղիների լավ զարգացած ցանց կար։ Ուստիև, առավել բարենպաստ պայմանների ավելի արագ, Բալթիկայի ափ դուրս գալու, թևանցման զորաշարժեր կատարելու և թշնամու խոր թիկունք թափանցելու համար։
 
Եվ իրոք։ Մարտի 3-ի առավոտյան, դուրս գալով օպերատիվ ասպարեզ, կորպուսի զորամասերը սրընթաց մոտեցան Վանդերին քաղաքին, գրավեցին այն, ապա մոտ 30 կիլոմետր խորացան դեպի հյուսիս։ Ն. Վ. Մորգունովի 45-րդ բրիգադը գրավեց Շլիֆենբայն քաղաքը։ Ըստ էության, ճանապարհը դեպի Բալթիկա բաց էր։
 
Բայց չնախատեսված բան պատահեց։ Ճանապարհային՝ խցանումներում ինչ-որ տեղ թաղվեց-մնաց մեր կորպուսի շտաբը, որի պետ, գնդապետ Ն. Գ. Վեդենիչևը երկրորդ օրն էր, ինչ չարչարվում էր, որպեսզի շտաբը որքան կարելի է շուտ տաներ դեպի հյուսիս՝ ավելի մոտ մարտեր մղող բրիգադներին։
 
Շտաբի օպերատիվ խումբն ու ես, սպասելով բուն շտաբի մոտենալուն, կանգ ենք առնում Վանգերինից հարավ ընկած մի խուտորում։ Բանակի շտաբի պետ, գեներալ Մ. Ա. Շալինին համոզելու փորձը, որպեսզի նա թույլ տար օպերատիվ խումբն ավելի մոտեցնել բրիգադներին, հաջողությամբ չի պսակվում։
 
— Ոչինչ չի ստացվի, Բաբաջանյան։ Եվ մի խնդրեք։ Մինչև Վեդենիչևը չգա և չզբաղեցնի ձեր այժմյան տեղը, ոչ մի քայլ։ Զորքերի հետ կապ ունե՞ք։ Ուրեմն՝ ղեկավարեք զորքերը, մինչև շտաբը կմոտենա։ Այսպիսի խզում, և դեռ մեծացնե՞նք այն։ Վերջ, և չփորձեք համոզել։
 
 
Այո, Շալինն անհողդողդ էր։ Եվ, որ ավելի կարևոր է, բացարձակապես անառարկելի հեղինակություն։ Նրա հեղինակության հիմքը ոչ միայն անձնական այն մեծ հմայքն էր ու պատշաճավարությունը, որոնցով այնպես օժտված էր Միխայիլ Ալեքսեևիչը, այլև, որ գլխավորն է, մեծ կուլտուրան, գործի խոր իմացությունը։ Պատերազմից առաջ Շալինը սովետական զինվորական կցորդ էր ճապոնիայում, ամբողջ պատերազմի ընթացքում խոշոր զորամիավորումների շտաբներ էր ղեկավարել։ Բազմակողմանի կրթվածության և ոչ միայն ռազմական գործում, այլև տարբեր բնագավառներում դրսևորած խորագիտակության համար նրան օժտել էին «Քայլող հանրագիտարան» մականունով։
 
Շտաբի պետ Շալինն իր կարգադրությունները շարադրում էր տակտի մեծ զգացման հետ զուգակցված անսասան տրամաբանությամբ։ Ստորադրյալը նրա մոտից գնում էր բարոյական բավարարվածության զգացումով, եթե նույնիսկ նշվում էին նրա վրիպումները։ Իսկ բանակի շտաբի պետը, բաց թողնելով նրան, մի տեսակ ափսոսանքով ասում էր. «Երևի, իզուր շշպռեցի խեղճին...»։
 
Մեծ հայրենականը մեկ անգամ ևս հաստատեց, թե որքան մեծ է շտաբների դերը։ Զորքերի կառավարման, մատակարարման կազմակերպման, իրադրության մասին ինֆորմացիայի, օպերատիվ որոշումների ընդունման համար անհրաժեշտ տվյալների նախապատրաստման ամբողջ ծանրությունն ընկնում էր շտաբի աշխատողների ուսերին։ Ուստի, բնականաբար, բարձր էին այն սպաներին ներկայացվող պահանջները, ովքեր առաջ էին քաշվում շտաբային աշխատանքի։
 
Մ. Ա. Շալինը կարողանում էր շտաբների համար կադրեր ընտրել։ Գնդապետ Ն. Գ. Վեդենիչևը ևս կորպուսի շտաբի պետի պաշտոնի փոխադրվեց ոչ առանց նրա միջամտության։
 
Ես ու Նիլ Գրիգորևիչը ծանոթ էինք դեռևս 1943 թվականից, նա այն ժամանակ 40֊րդ տանկային բրիգադի հրամանատարն էր, իսկ երբ Կուրսկի մոտ մղված մարտերի ժամանակ նրան նշանակեցին կորպուսի շտաբի պետ, 1-ին տանկային բանակի բոլոր սպաները դրան վերաբերվեցին մեծ գոհունակությամբ։
 
11֊րդ գվարդիական տանկային կորպուսում կատարած համատեղ աշխատանքում ես ու Նիլ Գրիգորևիչը, թերևս, լրացրինք միմյանց, քանի որ հակադիր խառնվածքի տեր էինք։
 
Հանգիստ, խոհուն, միշտ հավասարակշռված Վեդենիչևը շատ բարերար կերպով մեղմում էր իմ տաքարյունությունն ու դյուրաբորբոքությունը։ Ավաղ, այդ հատկանիշները ուղեկցում էին ինձ և հաճախ ոչ հօգուտ գործի։ Նիլ Գրիգորևիչը կարողանում էր ժամանակին և մի տեսակ աննկատելիորեն սանձել իմ այդ կրակոտությունը։ Այդ բանում շատ հմտորեն նրան օգնում էր կորպուսի քաղբաժնի պետ Իվան Միտրոֆանովիչ Սոկոլովը։
 
Թող այս գրքի էջերն ինձ օգնեն մեկ անգամ ևս սրտագին երախտագիտություն հայտնել իմ մարտական ընկերներին, այն հեռավոր և դժվարին ժամանակներում նրանց բարեկամության ու օգնության համար։
 
Եվ այսպես, նստել ու սպասում ենք Վեդենիչևին՝ շտաբի հետ։ Նա չկա։ Իսկ հրամանատարն առանց շտաբի, ինչպես առանց ձեռքերի։
 
Պատերազմում, ի տարբերություն համազորայինների, տանկային զորքերի շտաբներն աշխատում էին ավելի բարդ ու ծանր պայմաններում։ Տանկային ու մեքենայացված միավորումների գործողությունների հենց բնույթը պահանջում էր շտաբների գործունեության ավելի ճկուն կազմակերպում, այլ կառուցվածք։
 
Բանակում շտաբների մասին միշտ էլ խոսում էին որպես «ուղեղային կենտրոնի»։ Հիշում եմ, դեռևս իմ բանակային երիտասարդության ժամանակ մեր գնդում տարածված էր գնդի հրամանատար Մակար Մինիչ Տոպոլևին վերագրվող մի այսպիսի այլաբանություն։
 
— Գնդի հրամանատարը գլուխն է, իսկ շտաբի պետը՝ ուղեղը։
 
— Ստացվոլմ է, որ գնդի հրամանատարն անուղե՞ղ է։
 
— Խելացի շտաբի պետ ունենալու դեպքում գնդի հրամանատարն էլ միշտ խելացի է։
 
Սա 20-ական թվականների այլաբանություն է։ Դժվար չէ պատկերացնել, թե այսօր, ժամանակակից բանակում, դրա բարդության, տեխնիկական սարքավորվածության պայմաններում որքան բարձր են շտաբային աշխատանքի նշանակվող սպային ներկայացվող պահանջները։
 
 
Սպասում ենք Վեդենիչևին՝ շտաբի հետ։ Աչքներս ջուր կտրեց։ Օրվա երկրորդ կեսին հանկարծ հորիզոնում հարավից շարժվող տանկեր տեսանք։
 
— Դատելով ուրվապատկերից, Տ-34 են,— ասաց կորպուսի հրետանու պետ, գնդապետ Գ. Ֆ. Կուզմինը, որը նայում էր հեռադիտակով։
 
— Կարծես թե,— համաձայնեցի ես,— բայց մեր բրիգադները հյուսիսում են, իսկ սրանք հարավից են գալիս։
 
Հազիվ էի ասել այդ, երբ առջևի մեքենաներն ընթացքից կրակ բացեցին մեր խուտորի վրա։
 
Ես ու Կուզմինն արագ իջանք նկուղը, այնտեղ պատսպարվեցին նաև մեր խմբի մնացած անդամները։ Լսում եք, որ շարժիչների աղմուկը մոտենում է։ Եվ կարծես մեր՝ սովետական, մեքենաներն են։ Դուրս նայեցինք, իսկ այնտեղ արդեն կանգնած էր երեսունչորսականը. լյուկը բացվեց, այնտեղից մի տանկիստ դուրս եկավ ու ամբողջ ձայնով բացականչեց.
 
— Աստվա՜ծ իմ։ Ախր մերոնք են...
 
Դե, ես ամենալուրջ կերպով փրփրեցի, ա՛յ թե հասավ 2-րդ տանկային գվարդիական բանակի տանկային գումարտակի հրամանատարին, թեև բարեբախտաբար, մերոնցից ոչ ոք չէր տուժել։
 
Երբ պատահածի մասին հետո զեկուցեցի մեր բանակի հրամանատարին, Միխայիլ Եֆիմովիչը ժպտաց։
 
— Պատերազմում ամեն բան էլ լինում է։ Իսկ դու շատ մի տաքացիր,— ծիծաղեց նա,— թե առիթ լինի, ի հատուցումն վախեցրու Բոգդանովի տանկիստներին։ Միայն թե տես, որ լրջորեն չխփես, նրանք հո ձեզ չեն խփել...
 
Վերջապես, եկավ Վեդենիչևը՝ շտաբի հետ։ Շարունակ պատմում էր, թե ինչպես չի կարողացել ազատվել ավտոմոբիլիստների «ամուր» գրկախառնությունից։
 
— Մի հուզվիր, Նիլ Գրիգորևիչ, դույզն ինչ չեմ կասկածում, որ հնարավոր ամեն բան արել ես։ Դե իսկ հիմա մնա այստեղ, մենք առաջ ենք գնում։
 
Օպերատիվ խումբը շարժվեց դեպի Վանգերին։ Մենք հասանք Ն. Վ. Մորգունովի 45-րդ բրիգադի թիկունքը, բուն բրիգադն արդեն գտնվում էր Շլիֆենբաումում, որն ընկած էր Վանգերինից 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Սլացանք առաջ, որ հասնենք Մորգունովին, հարկավոր էր նոր առաջադրանք տալ այդ բրիգադին։
 
Նիկոլայ Վիկտորովիչ Մորգունովը մեր բրիգադների ամենահին հրամանատարներից էր. արդեն չորրորդ տարին էր, ինչ բրիգադի հրամանատար էր, իսկ փորձ, գիտելիքներ և անձնական քաջություն ուներ լիուլի։ «Հարկավոր է նրան իրեն դրսևորելու հնարավորություն տալ,— մտածեցի ես,— առավել ևս, որ այստեղ հենց Մորգունովի տանկերը կարող են մյուսներից ավելի լավ վճռել գործը»։ Ուստի, Մորգունովին հանձնարարեցի առաջավոր ջոկատ կազմել, մարտի 4-ին, առավոտից հարձակումը զարգացնել դեպի Կոլբերգ և գրավել այդ քաղաքը։
 
45֊րդ գվարդիական տանկային բրիգադը, թևանցելով հակառակորդի դիմադրության բոլոր հանգույցները, ներխուժեց Կոլբերգի հարավային ծայրամասը։ Բայց, գլխավոր ուժերից 25—30 կիլոմետր կտրվելով, Մորգունովը հետագա վճռականություն չդրսևորեց։ Հակառակորդն անմիջապես օգտվեց նրա հարձակման թափի թուլացումից, կազմակերպեց քաղաքի պաշտպանությունը, և դրանից հետո ձեռնարկած գրոհներն արդեն ապարդյուն եղան։
 
Զորավարման արվեստը, հիրավի, արվեստ է բառիս բուն իմաստով։ Այո, ամեն մի օպերացիայի նախորդում է խոր և ճշգրիտ հաշվարկ, երբ պետք է յոթ չափես, մեկ կտրես։ Բայց օպերացիայի իրականացումը պահանջում է ռիսկի դիմելու, պատկերացման մեջ խելացի զգուշավորությունը չափից դուրս զգուշավորությունից զատել կարողանալու ունակություն։ Եվ այդ ամենը կատարել տառացիորեն հաշված վայրկյանների ընթացքում։ Որոշումներ կայացնելու արագություն՝ ահա այն հատկությունը, որն առավել ևս պարտադիր է, երբ քո ձեռքին այնպիսի զենք կա, ինչպես տանկն է՝ համակ արագությունը։
 
Նույն այդ ժամանակ ձախ թևում Մ. Ա. Սմիռնովի 40-րդ բրիգադը, զարգացնելով հարձակումը դեպի հյուսիսարևմուտք, հաղթահարելով հակառակորդի ցանուցիր խմբերի դիմադրությունը, գրավեց Տրեպտով քաղաքը և դուրս եկավ Բալթիկայի ափ։ Ի. Ֆ. Դրեմովի կորպուսի առաջավոր ջոկատը մոտեցավ Շտարգարտին։ Աջակողմյան հարևանները՝ 2-րդ գվարդիական տանկային բանակի զորքերը, հարձակվում էին Լաբես քաղաքից դեպի արևմուտք ընկած շրջանում։ Մարտի 4-ին 11֊րդ գվարդիական տանկային կորպուսի զորամասերը՝ 40֊րդ տանկային և 27֊րդ մոտոհրաձգային բրիգադներր, 80 կիլոմետրը ճակատով դուրս եկան բալթյան ափեր և հակառակորդի զորքերի արևելյան խմբավորումը լիովին մեկուսացվեց Գերմանիայի կենտրոնական մասից։
 
Ի հաստատումն այն բանի, որ իր տանկերը Բալթիկ ծովի ափին են, 40-րդ գվարդիական տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Մ. Ա. Սմիռնովը ծովաջրով լի երեք շիշ ուղարկեց մարշալ Գ. Կ. Ժուկովին, գեներալ Մ. Ե. Կատուկովին և ինձ։
 
Կադրային հին սպա Միխայիլ Ալեքսանդրովիչ Սմիոնովը մանրախնդրորեն ճշտապահ էր, սակավախոս, ամեն բանում սիրում էր սպառիչ ճշգրտություն և հակիրճություն։ Այդ պատճառով ես չզարմացա նրա «զեկուցագրի» այդքան հակիրճ ու սպառիչ ձևից, բալթյան պղտորավուն ջրով լի մյուս երկու շշերն ուղարկեցի մնացած հասցեատերերին։
 
27֊րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գնդապետ Կ. Կ. Ֆեդորովիչն այդ միավորման հրամանատարությունը ստանձնեց Արևելապոմերանյան օպերացիայից անմիջապես առաջ։ Բալթիկ ծովի ափ դուրս գալով, նա զեկուցագրի փոխարեն ծովաջրով լցված շշեր չուղարկեց, բայց նրա՝ սովորական զեկույցը պակաս ուրախություն չպատճառեց ինձ։ Պետք է ասեմ, որ թեև ես ամենևին կասկածի տակ չէի առնում նրա գիտելիքներն ու օպերատիվ-տակտիկական ընդունակությունները, այնուամենայնիվ, հոգուս խորքում մի քիչ վախենում էի, չէ որ Ֆեդորովիչը հենց նոր էր ընդունել բրիգադը և անմիջապես այդպիսի առաջադրանք էր ստացել։ Բայց ինչպես տեսնում եք, Կազիմիր Կազիմիրովիչը հիանալի կատարեց պատասխանատու առաջադրանքը։
 
Եվ քանի որ արդեն խոսեցի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի բրիգադների հրամանատարների մասին, չեմ կարող կրկին բարի չհիշել Իոսիֆ Իրակլիևիչ Գուսակովսկուն։ Ընթերցողը, հավանաբար, արդեն նկատել է, որ ամենաբարդ ու պատասխանատու խնդիրները միշտ հանձնարարվել են Սովետական Միության կրկնակի հերոս (այժմ՝ բանակի գեներալ) Ի. Ի. Գուսակովսկու 44֊րդ բրիգադին։
 
Մեզանից դեպի արևելք Ի. Ֆ. Դրեմովի կորպուսի զորամասերը գրավեցին Բելգարտ, Քյորլին քաղաքները։
 
Եթե հարձակման առաջին երկու օրերին մեր հարձակման տեմպը չէր անցնում օրը 15-20 կիլոմետրից, ապա հաջորդ երկու օրերին այն կտրուկ աճեց։ Հարձակումն այնքան շեշտակի էր, որ, երբ տանկերը մտնում էին քաղաքները, բնակչությունը շարունակում էր իր սովորական ապրելակերպը, կարծես ոչինչ չէր պատահել խաչմերուկներում ոստիկանները կարգավորում էին քաղաքային տրանսպորտի երթևեկությունը, ռեստորանների դոներից լսվում էին երաժշտության հնչյունները, բորսայում առևտրականները գործարքներ էին կատարում, ռադիոն ժամանակ առ ժամանակ Բեռլինից գեբելսյան հանգստացուցիչ ամփոփագրեր էր հաղորդում։
 
Եվ հանկարծ, ինչպես որոտ՝ պարզ երկնքից, տանկեր՝ զրահին կարմիր աստղ։ Կարելի է պատկերացնել, թե նրանք ինչ սարսափ էին առաջացնում գերմանացի բյուրգերի սրտում։ Բայց տանկերը ինչպես կայծակնային արագությամբ հայտնվել էին, այնպես էլ նույն արագոլթյամբ անհետանում են հյուսիսային ուղղությամբ։ Առա՛ջ։ Հիմա տանկերն այլ խնդիր չունեն։
 
Պոմերանիայի մարզի հյուսիսային մասում լավ ճանապարհներ արդեն շատ կան։ Դա բարեբախտություն է ավտոտրանսպորտի համար։ Բայց դրանցից շատերը կալնել են այս ու այն կողմ շարժվող գաղթականներն ու մեր զորքերի կողմից գերմանական համակենտրոնացման ճամբարներից ազատված ռազմագերիների ֆրանսիացիներ, անգլիացիներ, հույներ, հարավսլավացիներ... ովքեր ասես, որ այստեղ չկան, ամբողջ Եվրոպան է։
 
— Դը Գոլ-Ստալին, դը Գոլ-Ստալին,— սովետական տանկը տեսնելով, վանկարկում են ֆրանսիացիները։
 
— Չերչիլ—Ստալին,— նրանցից հետ չեն մնում ավելի զուսպ անգլիացիները։
 
Մի խումբ ֆրանսիացիներ շրջապատում են ինձ։ Կրակոտությամբ նրանք չեն զիջում կովկասցիներին և, թերևս, մենք յոլա գնայինք նաև առանց թարգմանչի։ Պատմում են, թե իրենց ինչպես են ստիպել բատրակություն անել մի պրուսացի բարոնի տնտեսությունում։
 
Հիմա ո՞ւր գնան՝ ահա այն հարցը, որ շարունակ լսում ես նախկին ռազմագերիներից։ Բեռնասայլերով, ձիերով, ոտքով, սպիտակ ու կարմիր դրոշներ բռնած, շարասյուներով շարժվում են նրանք բոլոր ճանապարհներով, ջերմորեն ողջունելով սովետական զորքերին։
 
 
Մարտի 5-ին մի քիչ ցրտեց, և տանկերի ու ավտոմեքենաների համար շարժվելը հեշտացավ։
 
Կոլբերգը դեռ հակառակորդի ձեռքում էր, բայց մենք չէինք ջանում անհապաղ գրավել այն։ Հարկավոր էր պահպանել կորպուսի ռեզերվները՝ ի դեպս դեպի հարավ թեքվելու անհրաժեշտության։ Այնտեղ Շլիֆենբայնի, Լաբեսի շրջանում, հասունանում էր հակառակորդի դեպի արևմուտք նահանջող զորքերի ճեղքումը։
 
Նրա ՍՍ-ի 10֊րդ բանակային կորպուսը և «Տետաու» կորպուսային խումբր, 2֊րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերի և լեհական զորքի 1֊ին բանակի հարվածների տակ հետ Քաշվելով և ձգտելով ճեղքել-անցնել դեպի արևմուտք, հաղթահարեցին 8֊րդ գվարդիական մեքկորպուսի 21֊րդ բրիգադի արգելապատնեշները և մարտի 5֊ին գրավեցին Շլեգվիտցա (Սլոնովիցե), Լեբենդզե (Լոբինեց), Շլիֆենբայն քաղաքները, մեր 11֊րդ տանկային բանակը կտրեցին ռազմաճակատի գլխավոր ուժերից։
 
Շտապ միջոցներ ձեռնարկվեցին։ Մարտի 6-ին և 7-ին հարավից ու հյուսիսից հասցված հարվածների հետևանքով թշնամու այդ խմբավորումը ջախջախվեց։ Այստեղ առանձնապես հաջող գործեցին 44֊րդ և 64֊րդ տանկային, 19֊րդ և 21֊րդ գվարդիական մեքենայացված բրիգադները, 19-րդ բանակի 134-րդ հրաձգային կորպուսը և լեհական զորքի 1-ին բանակը։ Հակառակորդի շատ զինվորներ սպանվեցին ու գերի ընկան։ Նա մեծ քանակությամբ տեխնիկա և սպառազինություն կորցվեց։
 
Մարտի 8֊ին գերագույն գլխավոր հրամանատարը մեր բանակի հրամանատար Մ. Ե. Կատուկովին հեռախոսով ասաց.
 
— Հարկավոր է Ռոկոսովսկուն օգնել, որ նա գերմանացիներին չտա հին ամրացված շրջանները զորքերով գրավելու հնարավորություն, այլապես հարկ կլինի ճակատային նոր օպերացիա կազմակերպել։ Մտածեք և արեք այն ամենը, ինչ կարող եք։
 
Մարտի 8֊ին 1֊ին գվարդիական տանկային բանակը մտցվեց 2֊րդ Բելոռուսական ռազմաճակատի կազմի մեջ...
 
Այժմ մենք հարձակվելու էինք դեպի... արևելք։ Պատերազմի տարիների ընթացքում այնպես էինք ընտելացել «Առա՜ջ, դեպի արևմուտք» լոզունգին, որ դժվարությամբ էինք ասում «Առա՜ջ, դեպի արևելք»։ Բայց տանկիստները չեն զարմանում. մանևրականություն, դյուրաշարժություն, շարժման ուղղությունը ցանկացած պահին փոխելու և ամբողջ թափով թշնամու վրա այնտեղից հարձակվելու պատրաստականություն, որտեղից նա հարձակում բնավ չի սպասում՝ սա չէ՞, արդյոք, զրահատանկային զորքերի գլխավոր էությունը։
 
Եվ այսպես, առա՛ջ, դեպի արևելք։
 
Ցամաքից շրջափակված Կոլբերգը հանձնվեց լեհական զորքի 1-ին բանակին, իսկ մենք մարտի 9-ի լուսաբացին շարժվեցինք դեպի արևելք՝ Գդանսկի ծովախորշ։
 
Երեկոյան մի քիչ ձյուն տեղաց, ճանապարհները սառնամանիքից պնդացան։ Բնությունն էլ էր մեր կողմից։
 
Մեր կորպուսը հարձակումը զարգացնում է Բալթիկ ծովի ափի երկարությամբ։ Առաջվա պես աջից հարձակվում է Ի. Ֆ. Դրեմովը։ Առաջին իսկ օրը տանկերն առաջ անցան 19֊րդ բանակի մարտակարգերից ու սլացան դեպի Լեբե գետը։
 
Մեր առջեում գործում էին բանակի երկու առաջավոր ջոկատների 19-րդ ինքնագնաց հրետանային բրիդադը և 6֊րդ բանակային մոտոցիկլետային գունդը։ Բանակային առաջավոր ջոկատների ստեղծումը նորություն էր։ Նրանք պետք է ճեղքեին֊դուրս գային գետի մոտ, գրավեին անցարանները, դրանով իսկ ապահովեին կորպուսի գլխավոր ուժերի մոտեցումն ու գետանցումը։
 
Տանկերը սլանում են ոչ մեծ քաղաքների ու գյուղերի մոտով։ Գեբելսյան պրոպագանդայի հետևանքով առանց այդ էլ մահու չափ ահաբեկված տեղաբնակները վերջնականապես տարակուսում են՝ ռուսները գալիս են արևմուտքից։ Նրանք սպիտակ դրոշներ են պարզում, թեև նրանց հանցավոր կառավարությունը, դեռ չի համաձայնել անվերապահ կապիտուլյացիայի, նրանք վախենում են մեզանից։ Օ՜ ինչպես էին նրանց վախեցրել ռուսական վրեժխնդրությամբ։
 
Մենք մտադիր չենք վրեժ լուծել, մենք եկել ենք պատժելու ֆաշիզմը, այլ ոչ թե հաշվեհարդար կատարելու ծերունիների, կանանց, երեխաների, հետ։ Քաղաքներում ուրիշ բնակիչներ չկան, բոլորին ովքեր կարող էին մի կերպ զենք բռնել, հիտլերականները քշել էին «ֆոլկսշտուրմ». համընդհանուր մոբիլիզացիա էր...
 
Մեկ օրվա ընթացքում մեր տանկերն անցան 120 կիլոմետր, դուրս եկան Լեբեի մոտ։ Անցարանները մեզ էին սպասում. դրանք արդեն գրավել էին բանակային առաջավոր ջոկատները։ Մարտի 11-ին, Պյասնիցե գետի մոտ կոտրելով հակառակորդի դիմադրությունը, 11֊րդ տանկային կորպուսի զորքերի ձախ թևը դուրս եկավ Հելմի ցամաքալեզվակ, իսկ մնացած ուժերը հաջորդ օրը մոտեցան Դանցիգի (Գդանսկի) ծովախորշում գտնվող Պուտցիգ (Պուցկ) նավահանգստին։ 8-րդ մեքենայացված գվարդիական կորպուսի զորքերր 3֊րդ տանկային կորպուսի հետ համատեղ համառ մարտեր էին մղում Նոյշտադտ և Լաուենբուրգ քաղաքների համար։
 
Դուրս գալով Գդանսկի ծովախորշ, մեր կորպուսի զորքերն անմիջապես սլացան դեպի Գդինյա։ Մարտի 12-ին Ն. Վ. Մորգունովի բրիգադը մարտանցավ Ռեդե գետը, ճեղքեց Գդանսկի ամրաշրջանի պաշտպանական արտաքին բնագիծը և հաջորդ օրվա երեկոյան դեմ մոտեցավ հակառակորդի պաշտպանական գլխավոր բնագծին, որը գտնվում էր Ախենբերգի շրջանում։ Կ. Կ. Ֆեդորովիչի բրիգադը գրավեց Գրոսենդորֆը, թշնամուց մաքրազարդեց ծովածոցի՝ այդ քաղաքից դեպի հարավ ընկած առափնյան։ Ի. Ի. Գուսակովսկու բրիդադը հանկարծակի հարվածով տիրեց Պուտցիգ քաղաքին...
 
Այնքան էլ հեշտ չեղավ Գդինյան գրավելը։ Գդինյայի շրջանր հզոր ամրություն էր. այն կազմված էր պաշտպանական արտաքին շրջա պարսպից և պաշտպանության լավ սարքավորված, խրամատների երեք գծով իրար միացած դոտերի ու դզոտների խիտ ցանցով պատված երեք գոտիներից։ Ամեն ինչ արվել էր ամուր և վաղուց։ Հիշենք, ինչպես 1939 թվականին, Լեհաստանի օկուպացումն իրականացնելիս, գերմանացիները երկար ժամանակ չէին կարողանում տիրել Գդինյային։
 
Պաշտպանական գոտիների մատույցները պաշտպանում էր հակատանկային և հակահետևակային արգելափակոցների, ականադաշտերի, երկաթբետոնե կարճասյուների, ջրով լցված հակատանկային խրամատների զարգացած ցանցը։ Ամրաշրջանի զենիթային հրանոթները հարմարեցված էին նաև վերերկրյա նպատակակետերի, մասնավորապես տանկերի, վրա կրակ բացելու համար։ Գերմանացիները շատ լավ օգտվեցին այն ամենից, ինչ այստեղ լեհական զինված ուժերն էին կառուցել Գդինյայի շրջանը պաշտպանելու համար։
 
Գդինյա քաղաքն ու նավահանգիստը շրջապատված են զառիկող ձորակներով, ամբողջովին անտառապատ բլուրներով։ Բլուրների բարձրությունը ծովի մակերևույթից մինչև 200 մետր էր, լանջերի թեքությունը՝ 50 աստիճան։
 
Գդանսկից դեպի հյուսիս մի ոչ մեծ սարահարթ կա, որը հարավից ու արևելքից շրջապատված է ծովով, իսկ հյուսիսից, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ անանցանելի ճահիճներով։ Այստեղ հակառակորդը կառուցել էր ամրություններ, որոնք տեղանքի բնապայմանների զուգակցությամբ պաշտպանում էին Գդինյայի հյուսիսային մատույցները։ Այդ ամբողջ հզոր համակարգին սատարում էին առափնյա պաշտպանության 12 մարտկոց և ռազմածովային մոտ 12 մարտանավ, որոնք կանգնած էին խարսխակայանում։
 
Եվ, ըստ երևույթին, նացիստները շատ ջերմեռանդորեն էին աղաչում սուրբ կույսին, որ նա իրենց մի օր ավել ապրելու հնարավորություն պարգևեր. եղանակն ավելի վատացավ, սկսվեցին շուրջօրյա անձրևները։ Կարծես օվկիանոսը փոխադրվել էր երկինք և առանց շտապելու իր ջրերն էր թափում երկիր։ Առաջներում աննշան առվակները վերածվեցին հորդառատ գետերի։ Մինչև ծնկները հասնող թանձր ու կպչուն ցեխի միջով հազիվ են շարժվում թրջվելուց ուռած շինելներով հետևակայինները ու ով ինչպես ուզում է անիծում է վատ եղանակը։ Այնպիսի մառախուղ է, ինչպիսին հավանաբար Լոնդոնում է լինում։
 
Խարսխակայանում կանգնած նավերը մոլեգնում են՝ անընդհատ գնդակոծում են առափնյա ճանապարհներն ու բնակավայրերը։ Անհնար է նրանց լռեցնել. նրանք գտնվում են այնպիսի հեռավորության վրա, որ անհասանելի են մեր հրետանու, առավել ևս տանկային հրանոթների համար։ Անբարենպաստ եղանակը հնարավորություն չի տալիս այդ անել նաև մեր ավիացիային։
 
Մարտի 13-ին մեքենայով սլացա Պուտցիգ քաղաքը՝ 44-րդ բրիգադի հրամանատար, գնդապետ Ի. Ի. Գուսակովսկու մոտ։
 
Այն, ինչ կատարվում էր քաղաքում, անհնար է նկարագրել։ Նավերի 30-40 հրանոթների համազարկերը հնարավորություն չեն տալիս տեղաշարժվելու նույնիսկ փողոցներով։ Ես ու Գուսակովսկին ստիպված նստեցինք նկուղում, չհամարձակվելով քթներս դուրս հանել։
 
Բրիգադը քաղաքում թողնելը ոչ մի իմաստ չուներ։ Հրամայեցի հետ քաշել այն՝ անմիտ կորուստներից խուսափելու համար։ Հարկ եղավ նույնպիսի հրաման տալ նաև 45-րդ բրիգադին, որը դիրքեր էր գրավել դեպի ոչ մեծ սարահարթը ձգվող պատնեշի հետևում։ 40֊րդ բրիգադին չհաջողվեց հարձակման անցնել Խել նեղ ցամաքալեզվակով, այստեղ հակառակորդը պայթեցրել էր պատնեշը։
 
Ավարտվեց սրընթաց և մանևրային գործողությունների ժամանակաշրջանը, սկսվեց ուժասպառ անող մարտերի շրջանը՝ թշնամու հզոր պաշտպանության ծվատումը, երբ առաջխաղացման տեմպը մեկ օրում կազմում էր մի քանի հարյուր մետր։
 
Այստեղ էլ գործը գլուխ չեկավ առանց հետաքրքրաշարժ դեպքի։
 
Ի. Ի. Գուսակովսկին Պուտցիգում գրավել էր մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, վառելիքի, պարենի պահեստներ։ Ինձ զեկուցեց, որ կա նաև քաղցր գինիների պահեստ, հարցրեց, թե արժե, արդյոք, մի քանի արկղ ուղարկել կորպուսի և բանակի շտաբներ. բրիգադի բժիշկը հաստատում է գինիների լավորակությունը։
 
Ուղարկեցին։ Մի օր անց սկսվեցին տագնապալի հեռախոսազանգերը՝ շատերը թունավորման նշաններ ունեն։ Վախը, սակայն, շուտ անցավ, պարզվեց, որ դա ոչ թե գինի է, այլ հատուկ հեղուկ, որ գերմանացի քիմիկոսները պատրաստել էին երկար ժամանակ չոր օրապահիկով սնվող իրենց զինվորների համար...
 
Մարշալ Կ. Կ. Ռոկոսովսկու հրամանով մարտի կեսին մեր կորպուսը վերախմբավորվեց, շարժվեց դեպի հարավ՝ Բիշկովիտեցի շրջան, նրա առջև խնդիր դրվեց 19-րդ բանակի 134-րդ հրաձգային կորպուսի հետ համատեղ ճեղքել թշնամու պաշտպանությունը և տիրել Գդինյային։ Մեզ հետ միասին գործում էր լեհական զորքի տանկային բրիգադը, որը կողք֊կողքի անցել էր Կոլբերգից մինչև Գդինյա ընկած ճանապարհը։
 
Կենտրոնանալով Բիշկովիտեցի շրջանում, մենք պատրաստվում էինք հարձակման։ Մ. Ե. Կատուկովը զանգահարեց ինձ։
 
— Ինչպե՞ս է ձեզ մոտ։
 
— Նորմալ։
 
— Արմո, հասկացիր թե ինչ եմ հարցնում։ Հակառակորդը քո դիտակետը գնդակոծո՞ւմ է։ Ո՞չ։ Իսկ դեպի դիտակետ տանող ճանապարհնե՞րը։
 
— Երբեմն, այն էլ պայթյունները բավականին հեռվում են։
 
— Հըմ... Դե որ այդպես է ես ու Կոնստանտինովը կգանք քեզ մոտ։ Հասկացա՞ր։
 
Իհարկե, հասկացա։ Կոնստանտինով՝ դա Ռոկոսովսկու կեղծանունն էր։
 
— Կաշխատեմ սևերես չմնալ,— պատասխանեցի ես։
 
Իմ դիտակետում, բացի հրամանատարական տանկից ու մի քանի ռադիոավտոմեքենայից, ուրիշ ոչինչ չկար, սակրավորների վաշտը շտապ կանչեցի խրամատներն ու խրամները սարքավորելու համար։
 
Որոշ Ժամանակ անց զանգահարեց Մ. Ա. Շալինը.
 
— Ամեն ինչ կարգի՞ն է։ Դե տեսեք, մեծ տերն ու Եֆիմովը (այսինքն Կատուկովը) ձեզ մոտ կլինեն ժամը տասնչորսի և տասնհինգի միջոցին։ Կազմակերպեք հանդիպումն ու անվտանգությունը։
 
Վերջինիս մասին կարելի էր և չնախազգուշացնել։ Սովետական Միության մարշալ Կ. Կ. Ռոկոսովսկին ժողովրդի ընդհանուր սիրելին էր, և մենք բոլորս ջանում էինք նրան պահպանել մոլոր գնդակից, չնախատեսված նենգ պատահականությունից։
 
Վերջապես, նրանք՝ Ռոկոսովսկին ու Կատուկովը, եկան, ես նրանց տարա նոր փորած խրամները։
 
Չէինք հասցրել մի քանի քայլ անցնել, երբ ուղիղ մեր առջև պայթեց արկը։ Մեկ րոպե անց երկրորդը՝ մեր հետևում։ «Ճանկառք է»,— անցավ գլխովս։ Մ. Ե. Կատուկովը, թեքվելով իմ կողմը, բարձր շշնջաց. «Ի՞նչ բան է սա, իսկ դու ասում էիր...» Կոնստանտին Կոնստանտինովիչը լսեց, ժպտաց, Կատուկովին ասաց.
 
— Մի սղոցիր, շքերթ չէ, պատերազմ է։ Եվ կրակում է ոչ թե նա, այլ հակառակորդը, նրան հո չես կարող արգելել։ Առայժմ եկեք խրամատ մտնենք, իսկ թմբից մեքենաները հրամայեք մի կողմ տանել։
 
Երեք֊չորս րոպե լուռ նստեցինք խրամատում, մինչև որ գնդակոծությունը դադարեց։
 
— Դե,— ասաց Ռոկոսովսկին,— հակիրճ շարադրեք հարձակման վերաբերյալ ձեր նկատառումները։
 
Շարունակ նայելով քարտեզին, ուշադրությամբ լսում էր։
 
— Ե՞րբ եք ուզում սկսել։
 
— Վաղը լուսաբացին, եթե թույլ տաք, ընկեր մարշալ։
 
— Լավ, սկիզբը 8.00֊ին։ Բայց քաղաքը պետք է ազատագրվի։
 
— Կաշխատենք։
 
Սակայն Ռոկոսովսկին մտադիր չէր ավարտել խոսակցությունը։
 
— Վաղո՞ւց եք կորպուսի հրամանատար։
 
Իմ փոխարեն բավական մանրամասնորեն պատասխանեց Մ. Ե. Կատուկովը։
 
Պատմելով Կ. Կ. Ռոկոսովսկու հետ իմ հանդիպման մասին (հետագայում ևս մի քանի հանդիպում եմ ունեցել նրա հետ), ուզում եմ մեկ անգամ էլ ընդգծել Կոնստանտին Կոնստանտինովիչի հմայքը, որը նրա նկատմամբ հարուցում էր ոչ միայն նրանց խորին համակրանքը, ովքեր ծառայողական անմիջական շփում ունեին նրա հետ, այլև զինվորական լայն զանգվածների։ Ռոկոսովսկին հիշում և անձամբ ճանաչում էր հարյուրավոր մարդկանց, հոգ էր տանում նրանց մասին, երբեք չէր մոռանում նրանց, ովքեր արժանի էին խրախուսանքի ու պարգևի, կարողանում էր խորամուխ լինել հրամանատարների գորձերի և հոգսերի մեջ, բարյացակամորեն լսել յուրաքանչյուրին։
 
Մարտի 19-ին սկսվեցին գրոհները Գդանսկի ամրաշրջանի գլխավոր գոտու վրա։ Բլրավետ, անտառապատ տեղանքը շատ էր սահմանափակում տանկերի մանևրները։ Եվ ի լրումն՝ անձրևներ, անձրևներ...
 
Տանկերր ստիպված են գործել ճանապարհների և անտառային արահետների երկարությամբ, նրանք թիրախ են դառնում հակառակորդի հակատանկային միջոցների համար։ Յուրաքանչյոլր մետրը նվաճվում է կռվով։ Ինչքան մոտենում ենք քաղաքին, այնքան կատաղի է դառնում թշնամու դիմադրությունը։
 
Բայց մարտի 20֊ին, օրվա վերջին կորպուսի զորամասերը, փոխգործելով 19֊րդ բանակի զորամասերի հետ, ներխուժեցին Գրոս Կատց (Վելկի Կացի), իսկ երկու օր անց գրավեցին՝ Կլայն Կատցը (Մալի Կացի), 2֊րդ գերմանական բանակը բաժանելով երկու՝ դանցիգյան և գդինյան, խմբավորման։
 
Մարտի 23-ին 40֊րդ և 45֊րդ գվարդիական տանկային բրիգադները գրավեցին Սոպոտ քաղաքր, իսկ շուտով 310-րդ հրաձգային դիվիզիայի հետ միասին մարտեր սկսեցին Գդինյայի հարավային ծայրամասի համար։
 
Առաջինը քաղաք ներխուժեց 40-րդ բրիգադի 1-ին տանկային գումարտակը, որի հրամանատարն էր մայոր Բ. Պ. Իվանովը։ Ապա մոտեցան 44֊րդ բրիգադը և լեհական զորքի 1-ին տանկային բրիգադը, ծանրության կենտրոնը տեղափոխվեց նավահանգստի շրջան։
 
Վերջապես, 70֊րդ և 19-րդ բանակների հարվածների տակ հակառակորդի ուժերը սպառվեցին, մարտի 28֊ին նա դադարեցրեց դիմադրությունը։
 
Երբ մենք մտանք Գդինյա, մեզ դիմավորեցին ուրախ ու երջանիկ լեհերը, աղ ու հաց մատուցեցին, գրկեցին ինչպես ազատարարների։
 
Այստեղ ու այնտեղ դեռ ծխում էին հրդեհները։ Հետ քաշվելով դեպի իրենց նավերը, գերմանացիները, բարեբախտաբար չէին հասցրել ավերել նավահանգստային կառույցները, նավաշինարանները։
 
Ես Գդինյայում եղա նրա ազատագրումից քսանհինգ տարի անց։ Ինչպես և ելնյայում, այստեղ ինձ ընտրեցին պատվավոր քաղաքացի, և ես հպարտանում եմ դրանով, դրանում տեսնում ժողովրդի երախտագիտությունը ազատարար բանակի նկատմամբ։ Մեզ՝ հյուրերիս, ման էին ածում քաղաքում, հպարտությամբ ցույց տալիս նրա տեսարժան վայրերը։ Գդինյան գեղ-ցիկ քաղաք է։ Ես կարծես առաջին անգամ տեսա նրա անտառապատ բլուրների անկրկնելի գեղեցկությունը, բլուրներ, որոնք արտացոլվում էին ծովախորշի ջրային հարթության երկնագույն հայելու մեջ։
 
Այն Ժամանակ՝ 1945-ին, գեղեցկությամբ հիանալու տրամադրություն չունեինք։ Արդեն մարտի 27-ին ռազմակայանի ցուցումով 1-ին գվարդիական տանկային բանակը Արևելապոմերանյան օպերացիայի ավարտվելու կապակցությամբ ուղղվեց դեպի Օդեր՝ արևմուտք։ Կարճ ժամանակամիջոցում նա հսկայական զորաշարժ կատարեց։ Օդերի ստորին հոսանքից՝ Կյուստրինի շրջանից, 90 աստիճան անկյան տակ թեքվելով, հասավ Բալթիկայի ափերը՝ Դանցիգի ծովախորշ, այնուհետև 90 աստիճան անկյան տակ ևս մեկ շրջադարձ կատարելով, այս անգամ արդեն դեպի արևելք, ներխուժեց Գդինյա, իսկ հիմա կրկին թեքվեց դեպի արևմուտք։
 
Դեպի արևմուտք, նորի՛ց դեպի արևմուտք։ Մնաս բարով, Լեհաստան։ Քո ազատագրմանը մենք տվեցինք այն ամենը, ինչ կարողացանք։ Եվ նույնիսկ ավելին՝ մեր ընկերների, քո եղբայրների կյանքը։ Քո հողում մենք բավական շատ թանկագին գերեզմաններ թողեցինք, որպեսզի դու ազատ լինես, որպեսզի դու բարգավաճես, որպեսզի երջանիկ լինի քո ժողովուրդը Մինչ 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը պայքար էին մղում Դանցիգի ու Գդինյայի համար, 1-ին Բելոռուսականի զորքերն ընկճեցին թշնամու դիմադրությունը Կյուստրինում և գրավեցին այդ ամրոցը։
 
Հունգարիայի և Հյուսիսային Հարավսլավիայի տարածքներում 2-րդ ու 3֊րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերը հաջողությամբ հետ մղեցին գերմանացիների հակահարձակումը Գրոն գետի մոտ՝ Դրավայի և Բալատոն լճի միջև ընկած շրջանում։
 
Արևելյան Պրուսիայում 3֊րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը ծանր պայքարից հետո ոչնչացրին հակառակորդի հայլսբերգյան խմբավորումը։
 
Ապրի էի սկզբին շրջապատված խմբավորումները ամենուրեք, չնչին բացառությամբ, ոչնչացվեցին, և ռազմաճակատների զորքերը, ամփոփելով ձմեռային-գարնանային հարձակողական կամպանիայի արդյունքները, պատրաստվեցին նոր վճռական գործողությունների։
 
Իսկ արդյունքները տպավորիչ էին։ Կարմիր բանակը, ջարդուփշուր անելով գերմանաֆաշիստական ռազմական մեքենան, ներխուժեց Գերմանիայի տարածքը, ազատագրելով Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Հարավսլավիան, Չեխոսլովակիայի մի մասը։ Հունգարիայի և Ավստրալիայի ազատագրումը ժամանակի հարց էր։
 
Արևմուտքում՝ Ռուրի ավազանում, անգլոամերիկյան զորքերը հեշտությամբ ավարտեցին թվով մոտ 325 հազար գերմանացիների խմբավորման շրջապատումը և ձեռնամուխ եղան դրա ոչնչացմանը։ Ապրիլի արդեն առաջին կեսին 317 հազար զինվոր ու սպա առանց որևէ դիմադրության դադարեցրին պայքարը և անձնատուր եղան դաշնակից զորքերին։ Գերմանացի հրամանատար, ֆելդմարշալ Մոդելն ինքնասպան եղավ։ Արևմտյան ճակատի կենտրոնական հատվածում վերմախտի զորքերի պաշտպանությունը փաստորեն քայքայվեց։ Դաշնակից զորքերը սրընթաց շարժվում էին դեպի Էլբա...
 
Մեր 1֊ին գվարդիական տանկային բանակը շտապում էր դեպի Օդեր գետը՝ կենտրոնանալու այն շրջաններում, որտեղից ի թիվս սովետական այլ զորքերի առաջիկայում պիտի հարձակվեր ֆաշիստական որջի՝ Բեռլինի, վրա։
== Գլուխ ութերորդ։ Հաղթանակ ==
Վստահելի
1318
edits