Changes

Խորհրդածություններ կրոնի մասին

Ավելացվել է 43 566 բայտ, 07:17, 2 Հուլիսի 2016
/* Գլուխ չորրորդ */
Գտնո՞ւմ եմ, արդյոք, որ քրիստոնեական կրոնը հավերժորեն գոյություն կունենա։ Ես ոչ մի հիմք չունեմ այդպես մտածելու։ Մինչև նրա երևան գալը աշխարհում հազարավոր կրոններ են եղել։ Դրանք բոլորը մեռել են։ Նախքան մեր աստծու հորինվելը, աշխարհում միլիոնավոր աստվածներ են եղել։ Դրանք բոլորը մեռել են և վաղուց ի վեր մոռացվել։ Մեր աստվածն անհամեմատելիորեն ամենավատն է, որ կարող էր ծնել մարդու հիվանդ երևակայությունը․ մի՞թե նա և նրա քրիստոնեությունը կկարողանան անմահություն պահպանել, հակառակ այն անհամար օրինակների վրա հիմնվող հավանականության, որ գտնում ենք անցյալի աստվածաբանական պատմության մեջ։ Ոչ, ես այն կարծիքին եմ, որ քրիստոնեությունն ու նրա աստվածը բացառություն չեն լինի ընդհանուր կանոնից։ Նրանք իրենց հերթին պետք է անհետանան և տեղ բացեն ուրիշ աստվածի ու էլ ավելի հիմար մի կրոնի համար։ Բայց, գուցե, այն, այնուամենայնիվ, ավելի լա՞վը լինի, քան մերը։ Ոչ, դա քիչ հավանական է։ Պատմությունը ցույց է տալիս, որ կրոնների հարցում ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում։ Դա, ասենք, կարևոր չէ․ ինչ էլ լինի, անպատճառ նոր աստված և նոր կրոն ի հայտ կգան։ Նրանք կներկայացվեն հողագնդի բնակչությանը և կընդունվեն միակ փաստարկների ճնշման տակ, որոնց օգնությամբ հաջողվել է որևէ ժողովրդի համոզել ընդունելու քրիստոնեությունը կամ ցանկացած այլ կրոն, եթե միայն այն չի եղել իրենց հայրերի կրոնը։ Սուրբ գիրք, սուր, հուր և կացին՝ ահա այն միակ քարոզիչները, որոնց երբևէ հաջողվել է հաղթանակի հասնել այն ժամանակներից սկսած, երբ աշխարհում ի հայտ են եկել աստվածներն ու կրոնները։ Այն բանից հետո, երբ նոր աստվածն ու նրա կրոնը հաստատվեն սովորական համամասնությամբ (երկրի մեկ հինգերորդական մասը նրանց պաշտոնական հետևորդներն են, չորս հինգերորդականը՝ քարոզիչների հեթանոսական որսադաշտը, ուր քարոզիչները ինքնագոհ ու ապարդյուն ճանկռում են դրա ծայրը), նորահավատները կհավատա՞ն, արդյոք նրանց։ Իհարկե, կհավատան։ Նրանք միշտ հավատացել են այն միլիոնավոր աստվածներին ու կրոններին, որոնցով լցրել են նրանց գլուխը։ Մի այնպիսի անհեթեթ կամ այնպիսի անհավանական բան չկա, որին միջակ մարդը չհավատա։ Չէ որ մեր օրերում էլ միջակ մտավոր մակարդակի տասնյակ հազարավոր ամերիկացիներ կան, որոնք լիովին հավատում են «Գիտությանն ու առողջությանը», չնայած ի վիճակի չեն ոչ մի տող հասկանալու, և որոնք, դրանից բացի, գլուխ են խոնարհում այդ ավետարանը սեփականացրած շահամոլ և տգետ պառավի՝ տիկին Բերի Բեյքեր Էդիի առջև, անսասանորեն հավատալով, որ նա սուրբ ընտանիքի հոգեդուստրն է և շուտով մի կողմ կմղի փրկչին, կզբաղեցնի ներկայումս նրա զբաղեցրած տեղն ու այն կզբաղեցնի մինչև աշխարհի վերջը։
 
 
==Գլուխ չորրորդ==
 
:::::::::::::::::Շաբաթ, 23 հունիաի 1906 թվականի
 
 
Հիմա եկեք խոսենք ճշմարիտ աստծու, իսկական աստծու, մեծ աստծու, բարձրագույն ու գերագույն աստծու, իրական տիեզերքի իրական ստեղծողի մասին, տիեզերք, որի հեռավորագույն անկյուններն այցելում են լոկ գիսաստղերը, որոնց համար աներևակայելիորեն հեռավոր Նեպտունը ընդամենը նավահանգստի մուտքի փարոս է, յուրօրինակ Սանդի Հուկ,<ref>Սանդի Հուկ ― հրվանդան Նյու Յորքի նավահանգստի մուտքի մոտ։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։</ref> որը ժպտում է բազում դարերի ընթացքում տարածության խորքերը չափչփաց և, վերջ ի վերջո, հայրենիք վերադարձած պանդուխտներին։ Տիեզերք, որը ձեռքով շինված չէ երեխայի աստղաբաշխական սենյակի համար, այլ անսահմանորեն ձգված տարածության մեջ ծագել է հենց նոր ու վեհ աստծու կամքով, աստված, որի համեմատ մնացած բոլոր մյուս աստվածները, որ հազարներով վխտում են մարդկային ողորմելի երևակայության մեջ, նման են դատարկ երկնքի անսահմանության մեջ կորած մոծակների պարսի։
 
Երբ մտածում ենք նման աստծո մասին, այլևս չենք կարող նրան վերագրել արժանապատվությունից, վեհությունից զուրկ չնչին գործեր։ Մենք չենք կարող երևակայել, որ նա հրաժարվել է Սիրիուսից, որպեսզի իրեն պատվանդան ընտրի մեր կարտոֆիլը։ Չենք կարող պատկերացնել, որ նա կարող է հետաքրքրվել չնչին մարդկության գործերով, ուրախանալ նրա կիրակնօրյա գովքով ու բարկանալ, եթե այդ գովքը նվազում է կամ առհասարակ լռում։ Ինչպես որ չենք կարող պատկերացնել, որ չինական կայսրը հանկարծ կարող է հետաքրքրվել մանրէներով լի փորձանոթով ու թրթռուն անհանգստությամբ ջանալ դուր գալ նրանց, որպեսզի արբենա վերջիններիս անտաշ շողոքորթությամբ։ Եվ եթե նույնիսկ կարողանայինք պատկերացնել, որ չինական կայսրը խելահեղ հետաքրքրություն կցուցաբերի մանրէներով լի փորձանոթի նկատմամբ, ապա, այնուամենայնիվ, դրանով վերջակետ կդնեինք։ Քանզի ոչ մի կերպ չէիք կարող երևակայել, թե նա բյուրավորների միջից կընտրի քառորդ մատնոցի չափ հրեական մանրէներ՝ ամենասակավ հրապուրիչները այդ բազմությունից, և դրանց կդարձնի իր սիրեցյալները, և դրանց կկոչի ընտրյալ բացիլներ, և այնքան կսիրի, որ կխոստանա միայն դրանց շոյել և փայփայել, իսկ մյուսներին հավերժական նզովքի մատնել։
 
Երբ հետազոտում ենք այդ անսահման տիեզերքի (հիմա գիտենք, որ տիեզերքն ասահման է) անհամար հրաշքները, վեհաշուքությունը, փայլն ու կատարելությունը և համոզվում, որ դրանում եղած ամեն ինչ՝ խոտի ցողունից մինչև Կալիֆոռնիայի անտառային հսկաները, անհայտ լեռնային վտակից մինչև անծայրածիր օվկիանոսը, մակընթացությունների ու տեղատվությունների ընթացքից մինչև մոլորակների վեհասքանչ շարժումը, անառարկելիորեն ենթարկվում է ճշգրիտ, բացառություն չունեցող օրենքների խիստ համակարգին, ըմբռնում ենք, չենք ենթադրում, չենք եզրակացնում, այլ ըմբռնում ենք, որ մի հղացմամբ այդ չափազանց բարդ աշխարհը, իսկ մյուս հղացմամբ այն ղեկավարող օրենքներն ստեղծած աստվածն անսահման հզորությամբ է օժտված։ Այնժամ ըմբռնում ենք նաև, որ եթե նա ցանկանում է որևէ բան անել, անում է առանց որևէ մեկի օգնության։ Ըմբռնում ենք նաև, որ այն պահին, երբ նա արարել է այս տիեզերքը, արդեն կանխատեսել է, թե ինչ է կատարվելու նրա հետ այդ պահից սկսած մինչև ժամանակների վերջը։
 
Բայց միաժամանակ հասկանո՞ւմ ենք, որ նա բարոյական արարած է՝ բարոյականության մասին մեր հասկացություններին համապատասխան։ Ո՛չ։ Եթե մենք դրա վերաբերյալ որևէ տեղեկություն էլ ունենք, ապա մեզ հայտնի է միայն, որ նա բացարձակապես զուրկ է բարոյականությունից․ համենայն դեպս՝ մարդկային նմուշի բարոյականությունից։ Հայտնի՞ է, արդյոք, մեզ, որ նա արդարամիտ է, ողորմած, բարի, հեզ, գթառատ, կարեկից։ Ո՛չ։ Մենք ոչ մի ապացույց չունենք, թե նա ունի այդ հատկանիշներից գեթ մեկը։ Եվ միևնույն ժամանակ ամեն մի գալիք օր մեզ հարյուր հազարավոր վկայություններ է բերում (ոչ, ոչ թե վկայություններ, այլ անժխտելի ապացույցներ), որ նա դրանից և ոչ մեկը չունի։
 
Երբ աղոթում ենք, երբ աղերսում ենք, երբ դիմում ենք նրան, նա լսո՞ւմ է, արդյոք։ Պատասխանո՞ւմ է, արդյոք։ Մարդկության պատմությունը գեթ մի անառարկելի դեպք չգիտի, որ հաստատեր դա։ Կամ գուցե նա լուռ հրաժարվո՞ւմ է լսել, հրաժարվո՞ւմ է պատասխանել։ Չկա ոչ մի բան, որը գոնե անուղղակիորեն վկայեր հակառակը։ Աշխարհի սկզբից ի վեր իրենց նրա ընտրյալ ու վարձու սպասավորներ երևակայող հոգևորականները կրկին ու կրկին ի մի էին հավաքում իրենց բազմաքանակ ջոկատները ու խմբով անձրև աղերսում, բայց ոչ մի անգամ այն չէին ստանում, եթե միայն այն չպետք է տեղար, ենթարկվելով բնության հավերժական օրենքներին։ Եվ բոլոր դեպքերում, երբ այնուամենայնիվ, անձրև գալիս էր, նրանք, եթե եղանակի օրինավոր բյուրո ունենային, կարող էին աղոթելով իրենց նեղություն չտալ, որովհետև բյուրոն կտեղեկացներ, որ մոտակա օրերին, միևնույն է, անձրև է սպասվում, անկախ այն բանից՝ կաղոթեն նրանք, թե ատամների հետևը կպահեն իրենց սուրբ լեզուները։
 
Ի սկզբանե հենց որ մի միապետը վտանգավոր կերպով հիվանդանում էր, երկրի բոլոր հոգևորականները և բնակչության մի մասը սկսում էին խմբով աղոթել, որ նա ողջ֊առողջ մնա իր վշտացող ժողովրդի համար (այն դեպքերում, երբ ժողովուրդն իսկապես վիշտ էր ապրում, մի բան, որ որպես կանոն չէր լինում), և ոչ մի անգամ նրանց աղոթքը տեղ չէր հասնում։ Երբ պրեզիդենտ Գարֆիլդը<ref>Գարտֆիլդ Ջեյմս (1831 ―1881) ― 1881 թ․ ԱՄՆ֊ի պրեզիդենտը։ Պաշտոնի անցնելուց քիչ անց մահացու վիրավորվել էր մի խնդրարկուի կողմից, որին մերժել էր, և երկու ամիս անց մահացել։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։</ref> մահամերձ պառկած էր, բժիշկներն ու վիրաբույժները գիտեին, որ ոչ մի բան չի փրկի նրան։ Եվ, այնուամենայնիվ, նշանակված ժամին Միացյալ Նահանգների բոլոր եկեղեցիներում միաժամանակ ջերմեռանդ աղոթք հնչեց պրեզիդենտի ապաքինման համար։ Հոգևորականներն այդ բանն արեցին այն նույն հինավուրց, պարզահոգի ինքնավստահությամբ, որով նախնադարյան վայրենին աղոթում է իր երևակայական դևերին, որպեսզի նրանք խնայեին իր մեռնող առաջնորդին․ քանզի հավիտյանս չի գա այն օրը, երբ փաստերն ու փորձը ընդունակ լինեն եկեղեցուն որևէ օգտակար բան սովորեցնելու։ Անշուշտ, պրեզիդենտը, միևնույն է, մեռավ։
 
Մեծ Բրիտանիայի բնակչությունը կազմում է քառասունմեկ միլիոն մարդ։ Երկրում կա ութսուն հազար եկեղեցի։ Բուրերը հարյուր հիսուն հազար էին և ունեին երկու հարյուր տասը եկեղեցուց բաղկացած մարտկոց։ Անգլոբուրական պատերազմի սկզբում Անգլիայի գահերից արքեպիսկոպոսի ազդանշանով բոլոր ութսուն հազար անգլիական եկեղեցիները մեկեն խլացուցիչ աղաչանք հղեցին առ իրենց աստված, հաղթանակ խնդրելով Հարավային Աֆրիկայում մարտնչող անգլիացիների համար։ Բուրերի երկու հարյուր տասը եկեղեցիներից բաղկացած փոքրիկ մարտկոցը համերաշխ, միաժամանակյա աղաչանքով պատասխանեց առ նույն աստվածը հղած աղոթքով, հաղթանակ խնդրելով բուրերի համար։ Եթե ութսուն հազար անգլիական հոգևորականներն այդ աղոթքը երկինք հղելու փոխարեն իրենք դուրս գային ռազմի դաշտ, անկասկած հաղթանակ կտանեին, մի բան, ինչի համար աղոթում էին, իսկ հիմա հաղթանակը մյուսի կողմն էր, և անգլիական զորքերը բուրերից պարտություն պարտության հետևից էին կրում։ Անգլիական եկեղեցին խոհեմաբար լռում էր իր ջանքերի արդյունքի վերաբերյալ, բայց բուրերի անզգույշ եկեղեցին ցնծության մեջ ի լուր ամենքի հայտարարում էր, թե իր աղոթքները բուրերին հաղթանակ բերեցին։
 
Անգլիական կառավարությունը հույսն ավելի շատ դրել էր զինվորների, քան թե աղոթքների վրա, և այդ իսկ պատճառով փոխանակ կրկնապատկելու ու եռապատկելու իր հոգևորականների թիվը, կրկնապատկեց և եռապատկեց Հարավային Աֆրիկայում գտնվող իր զորքերի թիվը։ Եվ այնժամ տեղի ունեցավ այն, ինչ միշտ տեղի է ունենում՝ անգլիացիները շահեցին պատերազմը, և դա բավականին հստակ վկայում է, որ տերն ականջալուր չեղավ ոչ մեկ, ոչ մյուս կողմին և նրա համար միևնույն էր, թե ով կհաղթի, ինչպես որ միևնույն է եղել իր ի հայտ գալու օրվանից մինչև օրս։ Պատմությունը մի դեպք չգիտի, որ նա գեթ փոքր իսկ հետաքրքրություն ցուցաբերեր մարդկային կռիվների կամ այն բանի հանդեպ՝ կհաղթի՞ արդյոք արդար գործը, թե կպարտվի։
 
Այդ փորձից եկեղեցին որևէ դաս քաղե՞ց։ Ոչ, չքաղեց։ Երբ բուրերը հաղթանակի հասան աղոթքների շնորհիվ, այդպես էր թվում բուրերին, աղոթքների զորության հանդեպ նրանց հավատն ավելի ամրապնդվեց։ Իսկ երբ, չնայած վստահ աղաչանքներին, նրանք խորտակիչ ու վերջնական պարտություն կրեցին, մնացին նույն համոզմունքին, և աստծու արդարամտության ու բանականության հանդեպ նրանց վստահությունը ամենևին չպակասեց։
 
Ինչքա՜ն հաճախ ենք մենք մայր տեսնում, որն աստիճանաբար կորցրել է այն ամենը, ինչ թանկ է եղել իր համար, բացի վերջին երեխայից, որը մահամերձ է։ Եվ տեսնում ենք, թե ինչպես է նա երեխայի մահճակալի մոտ ծնկաչոք, դուրս թափելով սրտակեզ թախիծը, աստծուց գթասրտություն աղերսում։ Ո՞վ ուրախությամբ չէր շտապի սփոփելու մորը, եթե ի զորու լիներ փրկելու այդ մանկանը։ Եվ, անուամենայնիվ, ոչ մի այդպիսի աղոթք ոչ մի անգամ ոչ մի աստծու մեջ խղճահարություն չի արթնացրել։ Սակայն այդպիսի մայրը կորցրե՞լ է այրդյոք հավատը։ Երբեմն, բայց լոկ շատ կարճ ժամկետով։ Չէ որ նա ևս ընդամենը մարդ է, ինչպես մյուս բոլորը և հաջորդ դժբախտության ժամանակ նորից պատրաստ է աղոթելու, նորից պատրաստ է հավատալու, որ իր աղոթքը կլսվի։
 
Մենք գիտենք, որ ճշմարիտ աստվածը, գերագույն աստվածը, տիեզերքի իսկական արարիչն է ստեղծել այն ամենը, ինչ կա նրանում։ Մենք գիտենք, որ նա է ստեղծել բոլոր կենդանի արարածներին՝ մանրէից ու բրոնտոզավրից, մինչև մարդն ու կապիկները, և նա գիտեր դրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը սկզբից մինչև վերջ։ Եվ ամեն մի արարածի, մեծ թե փոքր, նա ենթարկել է անխախտ օրենքի, որով սահմանվել է, որ այդ արարածն իր կյանքի ամեն օրը կրելու է անհարկի և ավելորդ տառապանքներ, և որ ոչ մի արարածի, ինչպիսի խորամանկության էլ նա դիմի, չի հաջողվի խույս տալ այդ տառապանքներից ու դառնություններից, որ նրա ճանապարհը ծնված օրվանից մինչև մահ սփռված է լինելու նենգ, խորամանկորեն թաքցրած թակարդներով, ծուղակներով ու որոգայթներով, իսկ մեկ այլ օրենքի գիտակցաբար կամ անգիտակցաբար կատարված ցանկացած խախտում անպայմանորեն պետք է հանգեցնի տասը հազար անգամ ավելի ծանր պատժի, քան բուն զանցանքն է։ Կարելի է լոկ ապշել այն համընդգրկուն և ամենաթափանց չարության վրա, որ համբերատարությամբ հասել է այն բանին, որ բարդագույն կտտանքներ է հորինել երկրագունդը բնակեցրած անհամար էակներից ամենաթշվառների ու ամենաչնչինների համար։ Սարդն այնպես է կառուցվել, որ խոտ չուտի, այլ սիտպված լինի ճանճեր ու նման այլ արարածներ որսալ և դրանց մատնել դանդաղ, տանջալի մահվան, առանց գիտակցելու, որ շուտով իր հերթն էլ կհասնի։ Իշամեղուն այնպես է կառուցված, որ նույնպես հրաժարվի խոտից ու խայթի սարդին, ընդ որում արագ ու բարեգութ մահ չպարգևելով, այլ լոկ անդամալույծ անելով, որպեսզի հետո խոթի իր բույնը, ուր սարդը դեռ երկար պիտի ապրի ու տառապի, մինչև որ մատղաշ իշամեղուները անշտապ սկսեն ուտել նրա ոտքերը։ Իրենց հերթին ապահովված էին նաև իշամեղվին սպանողը, և իշամեղվին սպանողի սպանողը, և այդպես շարունակ երկրի վրա ապրող բոլոր արարածների համար։ Դրանց թվում չկա գեթ մեկը, որը նախատեսված ու հարմարեցված չլինի մեկ այլ եղբայրակից֊սպանողի կողմից տառապանք ու մահ ընդունելու համար։ Սարդոստայն ընկած ճանճին կարելի է մեղադրել միայն անզգուշության, այլ ոչ թե որևէ օրենք խախտելու մեջ։ Եվ, այնուամենայնիվ, ճանճի կրած պատիժը տասը հազար անգամ ավելի խիստ է, քան արժանի է նման զանցանքը։
 
Տասհազարապատիկ պատժի օրենքը խստորեն պահպանվում է բոլոր կենդանի էակների նկատմամբ, ներառյալ և մարդը։ Ամեն մի պարտք, արվե՞լ է, արդյոք, գիտակցաբար, թե անգիտակցաբար, բնությունը գանձում է դեռ այս աշխարհում, հաշիվ մաքրելը չհետաձգելով մինչև տասմիլիարդապատիկ լրացուցիչ պատիժը, որը գանձման է ենթակա այն աշխարհում, եթե խոսքը մարդու մասին է։ Մեղքի, չնչին զանցանքների և որևիցէ մեղքի բացակայության համար հրեշավոր պատիժների այդ համակարգը գործի է դրվում այն պահից, երբ անօգնական մանկիկն առաջին անգամ բացում է աչքերը, և չի դադարում նրան կեղեքելուց, քանի դեռ չի սպառվել նրա կյանքի վերջին րոպեն։ Կգտնվի՞ արդյոք գեթ մի հայր, որը ցանկանա իր պստլիկին տանջել անարդարացի ստամոքսախիթերով, ատամ հանելու անարդարացի տանջանքներով, իսկ հետո խոզուկով, կարմրուկով, քութեշով և հազարավոր այլ կտտանքներով, որ հորինվել են միանգամայն անմեղ էակի համար։ Իսկ հետո, պատանեկությունից մինչև գերեզման, կտանջի՞ նրան տասհազարապատիկ պատիժներով՝ օրենքի կանխամտածված կամ պատահական ցանկացած խախտման համար։ Նրբագույն սարկազմով մենք աստծուն վեհացնում ենք հայր կոչումով, և, այնուամենայնիվ, հրաշալի գիտենք, որ եթե ձեռքներս նրա պես մի հայր ընկնի, անմիջապես կկախենք։
 
Այդ հանցագործությունների եկեղեցական արդարացումն ու փառաբանումը զուրկ է որևէ համոզչականությունից։ Եկեղեցին հայտարարում է, թե դրանք կատարվում են հանուն տառապյալի բարօրության։ Դրանք նաև պետք է ճիշտ ուղու վրա դնեն, մաքրագործեն, վեհացնեն, նախապատրաստեն աստծու ու հրեշտակների ընկերակցությունում գտնվելու՝ ուղարկեն երկինք, որ սբրագործված է քաղցկեղով, ամեն տեսակ ուռուցքներով, ծաղկախոտով և այն ամենով, ինչը մտնում է դաստիարակության ու կրթության այդ համակարգի մեջ։ Եվ եթե եկեղեցին գեթ որևէ բան հասկանում է, պիտի գիտենա, որ ինքն իրեն է հիմարացնում։ Չէ որ կարող էր հասկանալ, որ եթե նման կարգի դաստիարակչական միջոցներն իմաստուն և օգտակար են, ապա մենք բոլորս խելագար ենք, քանզի մինչև օրս դրան չենք դիմում, դաստիարակելով մեր հարազատ երեխաներին։
 
Մի՞թե եկեղեցին անկեղծորեն հավատում է, որ մենք ընդունակ ենք բարելավելու ամենակարողի հորինած մաքրագործող ու վեհացնող համակարգը։ Ըստ իս, եթե եկեղեցին իսկապես հավատար, որ քարոզում է այդ իմաստով, ամեն մի հոր պետք է խորհուրդ տար ընդօրինակել ամենակարողի եղանակները։
 
Սակայն հենց որ եկեղեցուն հաջողվում է իր հոտին համոզել, որ այդ համակարգն իմաստուն ու գթառատ է, և ամենակարողն այն հղացել է, որպեսզի ճիշտ ուղու վրա դնի, մաքրագործի ու վեհացնի իր անսահմանորեն սիրելի զավակներին, նա խոհեմաբար լեզուն կծում է։ Նա չի համարձակվում հեռուն գնալ ու բացատրել, թե ինչու միևնույն պատիժներն ու տանջանքներն առաքում է նաև բարձրակարգ կենդանիներին՝ կոկորդիլոսներին, վագրերին և մյուսներին։ Նա նույնիսկ հայտարարում է, թե գազանները դատապարտված են հավերժական մահվան, նկատի ունենալով, որ նրանց տխուր կյանքն սկսվում ու ավարտվում է այստեղ՝ երկրի վրա, որ նրանք այլևս ոչ մի տեղ չեն ուղարկվում, որ նրանց համար դրախտ չկա, որ ո՛չ աստված, ո՛չ հրեշտակները, ո՛չ սրբակյաց հոգիները հանդերձյալ աշխարհում նրանց ընկերակցությանը ծարավի չեն։ Դա ծիծաղելի դրության մեջ է դնում եկեղեցուն, քանզի չնայած նրա բոլոր խորամանկ բացատրություններին ու ջատագովությանը, նա այդպիսով իր աստծուն մերկացնում է որպես միանգամայն անմեղ գազանների հանդեպ չարանենգ ու անխիղճ բռնակալի։ Համենայն դեպս և միանգամայն անվիճելիորեն նա այդ լռությամբ վերջնականապես նրան դատապարտում է որպես չարանենգ տիրակալի, դրանից առաջ հասցնելով իր հոտին համոզել, որ աստված կազմված է լոկ կարեկցանքից, բարեպաշտությունից ու համապարփակ սիրուց։ Եկեղեցին պարզապես չգիտի, թե ինչպես գլուխ հանի աղաղակող հակասություններից և չի էլ փորձում գլուխ հանել։
 
Այն հատկանիշների լիակատար բացակայության պայմաններում, որոնք կարող էին զարդարել աստծուն, նրա նկատմամբ հարգանք ներշնչել, պատկառանք ու երկրպագություն առաջացնել, իսկական աստվածը, ճշմարիտ աստվածը, անընդգրկելի տիեզերքի արարիչը ոչնչով չի տարբերվում մյուս բոլոր աստվածներից։ Նա ամեն օր միանգամայն պարզ ցույց է տալիս, որ ամենևին չի հետաքրքրվում ոչ մարդով, ոչ մյուս կենդանիներով, թերևս հետաքրքրվում է լոկ այնքանով, որ տանջի նրանց, ոչնչացնի և այդ զբաղմունքից որևէ զվարճություն ստանա, ընդ որում անելով ամեն ինչ, որպեսզի այդ հավերժական և անփոփոխ միապաղաղությունը չձանձրացնի։
 
 
==Գլուխ հինգերորդ==
 
:::::::::::::::::Երկուշաբթի, 25 հունիսի 1906 թվականի
 
 
Եվ ահա մարդկային կերպարանքով պարզամիտ, դյուրահավատ և անտրամաբանական ճագարը այդ երկնային ավազակներից հավերժական դրախտային երանություն է ակնկալում, որը նրան կհատուցի այստեղ՝ երկրի վրա իրեն առաքվող կարիքն ու տառապանքներին դիմանալու համար, այն անարդարացի տառապանքների համար, որոնք մի դեպքում տևում են երկու֊երեք տարի, մյուս դեպքում՝ հինգ֊տասը տարի, իսկ որոշ դեպքերում՝ երեսուն, քառասուն կամ հիսուն, երբեմն էլ՝ վաթսուն, յոթանասուն, ութսուն տարի։ Ինչպես բոլոր դեպքերում, երբ դատավորն աստվածն է, պարգևներն ամենևին չեն համապատասխանում տառապանքներին, և առհասարակ այդ հարցում ոչ մի կարգ ու կանոն չկա։ Տառապե՞լ եք ութսուն տարի, թե երեք տարեկանում վախճանվել կարմրուկից՝ կստանաք դրախտային երանության միևնույն բաժինը։
 
Ոչ մի ապացույց չկա, որ գերեզմանից հետո մարդկանց դրախտային երանություն է սպասվում։ Եթե գտնեիք մի հինավուրց գիրք, որում մի քանի անհայտ մարդիկ մանրամասնագույն կերպով մեզ պատմեին Անտարկտիկայի հավերժական սառույցների մեջ, անհասանելի հովտում թաքնված ծաղկուն ու հիասքանչ արևադարձային դրախտի մասին, ընդ որում նույնիսկ չպնդելով, թե այն սեփական աչքով են տեսել, այլ վկայակոչելով աստծու առաքած հայտնությունը, որպես այդ տեղեկությունների աղբյուր, աշխարհի ոչ մի աշխարհագրական ընկերություն այդ գիրքը լուրջ բանի տեղ չէր դնի։ Այնինչ այդ գիրքը նույնքան իրական, նույնքան հավասար և նույնքան արժեքավոր վկայություն կլիներ, որքան և Աստվածաշունչը։ Աստվածաշունչը ճիշտ և ճիշտ այդպիսին է։ Նրա դրախտի մասին բոլոր տեղեկություններն անուղղակի ճանապարհով են ստացվել՝ անհայտ անձանցից, որոնք ոչ մի բանով չեն ապացուցել, որ անձամբ իրենք են այնտեղ եղել։
 
Եթե Քրիստոսն իսկապես աստված լիներ, կկարողանար ապացուցել դրախտի գոյությունը, որովհետև աստծու համար անհնարին ոչինչ չկա։ Նա և՛ իր ժամանակի, և՛ մեր ժամանակի, և՛ գալիք բոլոր ժամանակների ցանկացած մարդու կկարողանար դա ապացուցել։ Երբ աստված ուզում է ապացուցել, որ արեգակն ու լուսինն անփոփոխ կերպով, ամեն օր և ամեն գիշեր կկատարեն իրենց սահմանված աշխատանքը, դա նրա համար դժվար բան չէ։ Երբ նա ուզում է ապացուցել, որ ամեն գիշեր մարդն անփոփոխ կերպով իրենց տեղում կգտնի համաստեղությունները, թեպետ ցերեկը մեզ թվում է, թե դրանք ընդմիշտ չքացել են, դա նրա համար դժվար բան չէ։ Երբ նա ուզում է ապացուցել, որ տարվա եղանակները նորից ու նորից անպայման մեկը մյուսին կփոխարինեն մեկընդմիշտ սահմանված օրենքի համաձայն, դա նրա համար դժվար բան չէ։ Հավանաբար, նա ցանկացել է մեզ անհերքելիորեն ապացուցել բազմամիլիոն ամենատարբեր փաստեր և դա արել է առանց որևէ դժվարության։ Եվ միայն այն ժամանակ, երբ, ըստ երևույթին, ուզում է մեզ ապացուցել ապագա կյանքի գոյությունը, նրա հնարամտությունն աղքատանում է, և նա բախվում է այնպիսի խնդրի, որի լուծումը վեր է փառաբանված ամենակարողի ուժից։ Երբ նրան պետք եղավ մարդկանց հասցնել շատ ավելի կարևոր մի լուր, քան մյուս բոլոր լուրերը միասին վերցրած, որոնց տեղ հասցնելը նրան ամենևին դժվարություն չէր պատճառի, նա կարողացավ մի ավելի լավ միջոց հորինել, քան բոլոր հնարավոր միջոցներից ամենախղճուկը՝ գրքերը։ Երկու լեզվով գրված գրքեր (որպեսզի լուրը հայտներ հազարավոր զանազան ժողովուրդների), որոնց վիճակված էր դանդաղ ձգվող դարերի ու դարաշրջանների ընթացքում փոփոխվել, փոփոխվել, փոփոխվել և, վերջ ի վերջո, դառնալ բացարձակապես անհասկանալի։ Բայց եթե անգամ դրանք անփոփոխ մնային, ինչպես անփոփոխ են մնում մեռած լեզուները, միևնույն է, միանգամայն անհնարին կլիներ լիակատար ճշգրտությամբ այդ լուրը հաղորդել ամեն մի դարաշրջանի հազարավոր լեզուներից որևէ մեկով։
 
Կողմնակի անձանց վկայությունների համաձայն, ցանկացած նշանակալի աստծու բնավորություն կազմվում է սիրուց, արդարությունից, ամենաներումից, ամեն մի տառապանքին կարեկցելուց և այն ոչնչացնելու ցանկությունից։ Ի հակադրություն այդ հիասքանչ դիմանկարի (ստեղծված ոչ մի արժեք չներկայացնող լուրերի հիման վրա միայն), մենք ունենք տարվա մեջ ամեն օր ստացվող, մեր տեսողությամբ և մյուս զգայարաններով հաստատվող բացարձակապես ճշգրիտ ապացույցներ, որ այդ աստվածներին իրականում միանգամայն խորթ են սերը, գթությունը, կարեկցանքը, արդարությունը և մյուս բոլոր հիանալի հատկությունները, և ընդհակառակը՝ նրանց բնավորությունը ձևավորվում է այնպիսի ամենահրեշավոր դաժանությունից, անարդարությունից և արյունարբու ոխակալությունից, որպիսին միայն կարելի է պատկերացնել։ Աստծո բնավորության մասին մեր ենթադրյալ պատկերացումը հիմնված է միայն վկայւթյունների վրա։ Մինչդեռ նրա իսկական բնավորության մասին պատկերացումը հիմնվում է ապացույցների, ընդ որում անհերքելի ապացույցների վրա։
 
Տրամաբանակա՞ն է, արդյոք, ակնկալել, թե աստվածները, որոնք մշտապես և անընդհատ զվարճանում են բոլորովին անմեղ մարդկանց ու կենդանիներին չարամտորեն հետապնդելով, պատրաստ են այնուհետև իրենց զոհերին հավերժական երանություն պարգևել։ Եթե Լեոպոլդ II Մսագործ թագավորը հանկարծ հայտարարի, թե մտադիր է կոնգոյական յուրաքանչյուր միանգամայն անմեղ, անօգնական հարյուր նեգրից մեկին ազատել ստորացումներից, սովից ու բռնի մահից և տանել իր Բելգիան, որպեսզի բնակեցնի իր պալատում ու իր սեղանի շուրջը նստեցնի, արդյոք շատերը կգտնվեն, որ կհավատան դրան։ Բոլորը կասեն․ «Մարդու բնավորությունն անփոփոխ է։ Նման արարքը չէր համապատասխանի այդ մսագործի բնավորությանը։ Լեոպոլդի բնավորությունը մեկընդմիշտ ձևավորվել է և փոխվել չի կարող, այդ մարդն անընդունակ է նման բարի արարքի»։
 
Լեոպոլդի բնավորությունն իրոք ձևավորվել է մեկընդմիշտ։ Ճիշտ այնպես, ինչպես բոլոր քիչ թե շատ նշանակալի աստվածներինը։ Եվ բացարձակապես անտրամաբանական է ենթադրել, թե բելգիական Լեոպոլդի կամ երկնային լեոպոլդների գլխում կարող է ծագել իրենց զոհերի գեթ չնչին մասին թագավորական սեղանի շուրջը հրավիրելու և նրանց տրամադրության տակ թագավորական պալատի բոլոր հարմարություններն ու շքեղությունը դնելու միտքը։
 
Կողմնակի անձանց վկայությունների համաձայն, նշանավոր աստվածները սովորություն ունեն հարյուր զոհից մի սիրեցյալ ընտրել (ընտրել բախտաբերի, չստուգելով՝ լա՞վն է արդյոք նա մյուս իննսունիննից թե ոչ), իսկ մնացած իննսունիննին դատապարտում են հավերժական անեծքի, անգամ չծանոթանալով նրանց գործին։ Եթե չլիներ մի փոքրիկ անհարիրություն, դա աստվածների բոլորին հայտնի բնավորությունը ճիշտ արտացոլող բացարձակապես տրամաբանական տեսություն կլիներ։ Իսկ այդ անհարիրությունը այն ինքնակամ ու ոչ ճիշտ ենթադրությունն է, թե հարյուրից մեկ հոգու թույլ կտան խուսափել այդ անեծքից։ Քիչ հավանական է, որ հանդերձյալ աշխարհում մեզ դրախտ է սպասում։ Շատ հավանական է, որ անտեղ մեզ դժոխք է սպասում։ Եվ համարյա միանգամայն անկասկած է, որ այդ դժոխքից ոչ ոք չի խուսափի։
 
Իսկ հիմա՝ մարդկության մասին։ Մարդկության մեջ քնքուշ ու համակրելի շատ բան կա։ Թերևս աստվածներից ոչ մեկը ոչ մի անգամ առավել խղճուկ բան չի ստեղծել, բայց մարդկության մտքով իսկ դա չի անցնում։ Ուրիշ ի՞նչ ավելի գեղեցիկ բան կարող է լինել այդ պարզամիտ ու բարեհոգի ինքնասիրահարվածությունից։ Մարդկությունն ուղղակիորեն, առանց դույզն֊ինչ ամոթի, անգամ առանց կարմրելու հայտարարում է, թե ինքն աստծու ազնվագույն ստեղծագործությունն է։ Նա անթիվ֊անհամար դեպքերի ականատես է եղել հակառակ բանում համոզվելու համար, բայց այդ ավանակին ոչ մի փաստ չի համոզում։ Ես նրա մասին շատ դառը ճշմարտություններ կարող էի ասել, բայց չեմ կարող ինձ ստիպել․ դա երեխա ծեծելու պես բան կլիներ։
 
Մարդուն չի կարելի կշտամբել, որ նա այնպիսին է, ինչպիսին կա։ Նա ինքը չի իրեն ստեղծել։ Նա ինքն իր վրա ոչ մի իշխանություն չունի։ Այդ իշխանությունը տրված է նրա խառնվածքին (որը նա չի ստեղծել) և օրորոցից մինչև գերեզման նրան շրջապատող պարագաներին, որոնք ինքը չի հորինել և որոնք չի կարող իր կամքով փոխել, որովհետև կամք չունի։ Նա պարզապես մեխանիզմ է, ժամացույցի նման մի բան, և ժամացույցի նման չի կարող ազդել իր գործողությունների վրա, ոչ էլ պատասխան տալ դրանց համար։ Նրան պետք է խղճալ, այլ ոչ թե կշտամբել, ոչ թե արհամարհել։ Առանց նրա համաձայնությունը հարցնելու նրան նետել են այս աշխարհը, և նա անմիջապես իր գլուխը մտցնում է, թե ինչ֊որ խորհրդավոր պարտավորություններ ունի այն անհայտ ուժի հանդեպ, որն այդքան վրդովեցուցիչ ձևով է վարվել իր հետ։ Եվ այդ պահից սկսած գտնում է, թե իր յուրաքանչյուր արարքի համար պատասխանատու է այդ ուժի առջև և պատժի է ենթակա այն արարքների համար, որոնց այդ ուժը հավանություն չի տալիս։ Սակայն այդ նույն մարդը բոլորովին այլ կերպ կդատեր, եթե որևէ երկրային բռնակալ ստրկացներ նրան, շղթայեր և կույր հնազանդություն պահանջեր։ Նա կհայտարարի, որ բռնակալը այդ իրավունքը չուներ, որ բռնակալն իրավունք չուներ իրեն ստիպելու սպանություն կատարել, իսկ հետո այդ սպանության համար պատասխանատվությունն իր վրա դնել։
 
Բարոյականության հարցերում մարդը մշտապես ծայրաստիճան տարօրինակ տարբերություն է դնում մարդու և արարչի միջև։ Նա իր մերձավորներից պահանջում է պահպանել բարոյականության միանգամայն արժանավոր օրենսգիրքը, բայց իր աստծու կողմից բարոյականության լիակատար բացակայությունը նրա մոտ ոչ ամոթ, ոչ դատապարտում չի առաջացնում։
 
Աստված մարդուն այնքան վարպետորեն է ստեղծել, որ նա չի կարող չենթարկվել իր կրքերի, հակումների ու հույժ կասկածելի ու տհաճ զանազան հատկությունների օրենքներին։ Աստված նրան այնպես է ստեղծել, որ նրա ընտրած բոլոր ուղիները սփռված են թակարդներով, որոնցից ոչ մի կերպ չի կարող խուսափել և որոնք նրան ստիպում են այսպես կոչված մեղքեր գործել, և այդժամ աստված նրան պատժում է այն արարքների համար, որոնք ի սկզբանե սահմանել էր կատարելու։ Մարդը մի մեքենա է, որն աստված պատրաստել է առանց որևէ մեկի խնդրանքի։ Մեզ մոտ՝ երկրի վրա, նա, ով մեքենա է պատրաստում, ինքն էլ պատասխանատու է դրա աշխատանքի համար։ Ոչ ոքի մտքով իսկ չի անցնի պատասխանատվությունը դնել մեքենայի վրա։ Մենք բոլորս հիանալի գիտենք, թեև բոլորս էլ դա թաքցնում ենք, ինչպես թաքցնում եմ և ես, քանի չեմ մեռել և հասարակական կարծիքի սահմաններից դուրս չեմ, կրկնում եմ, մենք բոլորս գիտենք, որ աստված և միմիայն աստված է պատասխանատու մարդու ամեն մի արարքի և ամեն մի խոսքի համար՝ օրորոցից մինչև գերեզման։ Մենք բոլորս դա հիանալի գիտենք։ Հոգու խորքում մենք դրանում չենք կասկածում։ Հոգու խորքում առանց տատանվելու մենք թանձրամիտ ապուշ կանվանենք ամեն մեկի, ով հավատում է, իբր թե հավատում է, որ գեթ չնչին իսկ հնարավորություն ունի մեղք գործելու աստծու հանդեպ, կամ նրան, ով կարծում է, իբր թե կարծում է, որ պարտավորություն ունի աստծու հանդեպ, որ նա աստծուն պարտական է երախտագիտությամբ, պատկառանքով ու երկրպագությամբ։
 
 
Ադմին, Վստահելի
1876
edits