«Պինոքիոյի արկածները»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Պինոքիոյի արկածները. Մի բուրատինոյի պատմություն |հեղինակ = Կարլո Կոլլոդի |...»:) |
(Տարբերություն չկա)
|
10:21, 12 Հուլիսի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Կարլո Կոլլոդի |
Բովանդակություն
- 1 I. Թե ինչպես պատահեց, որ վարպետ Չիլիեջան, արհեստով ատաղձագործ, մի կտոր փայտ գտավ, որը երեխայի նման և՛ լալիս էր, և՛ ծիծաղում
- 2 II. Վարպետ Չիլիեջան փայտի կտորը նվիրում է իր բարեկամ Ջեպետտոյին, որն այն վերցնում է՝ մի պարող, սրամտող և մահացու թռիչքներ կատարող բուրատինո պատրաստելու համար
- 3 III. Ջեպետտոն տուն վերադառնալուն պես սկսում է բուրատինո պատրաստել և անունը դնում է Պինոքիո։ Բուրատինոյի սկզբնական չարաճճիությունները
- 4 IV. Պինոքիոյի և Խոսող Ծղրիդի պատմությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես չար ու վատ երեխաները չեն սիրում իրենցից խելացին լսել
- 5 V. Պինոքիոն քաղցած է և մի ձու է որոնում, որպեսզի ձվածեղ պատրաստի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա ձվածեղը լուսամուտից դուրս է թռչում
- 6 VI. Պինոքիոն քնում է՝ ոտքերը դրած մանղալի վրա, իսկ առավոտյան արթնանում է ամբողջապես այրված ոտքերով
- 7 VII. Ջեպետտոն վերադառնում է տուն և բուրատինոյին տալիս այն նախաճաշը, որ խեղճ մարդը պահել էր իր համար
- 8 VIII. Ջեպետտոն վերանորոգում է Պինոքիոյի ոտքերը և վաճառում իր պիջակը՝ նրան Այբբենարան գնալու համար
- 9 IX. Պինոքիոն վաճառում է իր Այբբենարանը, որպեսզի գնա տիկնիկային թատրոն
- 10 X. Տիկնիկները ճանաչում են իրենց եղբայր Պինոքիոյին և հանդիսավոր ընդունում նրան։ Բայց այդ ցնծության պահին դուրս է գալիս մեծ տիկնիկ Մանջաֆոքոն, որի ներկայությունը վտանգ է սպառնում Պինոքիոյի կյանքին
- 11 XI. Մանջաֆոքոն փռշտում է և ներում Պինոքիոյին, որը հետագայում մահից պաշտպանում է իր բարեկամ Առլեքինոյին
- 12 XII. Թատրոնատեր Մանջաֆոքոն Պինոքիոյին նվիրում է հինգ ոսկեդրամ, որպեսզի նա տանի իր հայր Ջեպետտոյին։ Բայց Պինոքիոն, խաբվելով աղվեսից ու կատվից, ընկնում է նրանց խելքին և հետները գնում
- 13 XIII. «Կարմիր Խեցգետին» պանդոկը
- 14 XIV. Պինոքիոն Խոսող Ծղրիդի բարի խորհուրդները չլսելու պատճառով ընկնում է ավազակների ձեռքը
- 15 XV. Ավազակները հետապնդում են Պինոքիոյին մինչև բռնելը, որից հետո կախում են Կաղնու ճյուղից
- 16 XVI. Կապույտ մազերով գեղեցիկ աղջիկն ազատել է տալիս բուրատինոյին և, բերելով իր մոտ, պառկեցնում է անկողնում ու երեք բժիշկ կանչում, որպեսզի իմանա նրա մեռած կամ կենդանի լինելը
- 17 XVII. Պինոքիոն շաքարն ուտում է, բայց դեղ չի ուզում ընդունել։ Իսկ երբ տեսնում է՝ գերեզմանափորները գալիս են իրեն տանելու, ընդունում է։ Այնուհետև մի սուտ է ասում և որպես պատիժ քիթը երկարում է
- 18 XVIII. Պինոքիոն նորից գտնում է Աղվեսին ու Կատվին և գնում է նրանց հետ Հրաշքների դաշտում չորս ոսկի ցանելու
- 19 XIX. Պինոքիոյի ոսկեդրամները թալանում են, իրեն էլ իբրև պատիժ՝ չորս ամիս բանտ նստեցնում
- 20 XX. Բանտից ազատվելուց հետո Պինոքիոն ճամփա է ընկնում դեպի Ֆեյայի տուն, բայց հանդիպում է մի սարսափելի օձի, հետո էլ ընկնում թակարդը
- 21 XXI. Մի գյուղացի բռնում է Պինոքիոյին և ստիպում է հավաբնի մոտ պահակ շան դեր կատարել
- 22 XXII. Պինոքիոն հայտնաբերում է գողերին և իր հավատարիմ ծառայության փոխարեն ազատություն ստանում
- 23 XXIII. Պինոքիոն ողբում է կապույտ մազերով փոքրիկ, գեղեցիկ աղջկա մահը։ Այնուհետև մի աղավնի է գտնում, որը նրան տանում է ծովափ, նետվում է ծովը՝ իր հայր Ջեպետտոյին օգնելու համար
- 24 XXIV. Պինոքիոն գալիս է «Աշխատասեր Մեղուների» կղզին և նորից գտնում Ֆեյային
- 25 XXV. Պինոքիոն խոստանում է Ֆեյային խելոքանալ ու սովորել, որովհետև ձանձրացել է բուրատինո լինելուց և ուզում է դառնալ մի գովելի տղա
- 26 XXVI. Պինոքիոն դպրոցական ընկերների հետ գնում է ծովափ ահեղ Շնաձկանը տեսնելու
- 27 XXVII. Մեծ ճակատամարտ Պինոքիոյի և իր ընկերների միջև, որոնցից մեկի վիրավորվելու պատճառով կարաբինները[8] ձերբակալում են Պինոքիոյին
- 28 XXVIII. Պինոքիոն ենթարկվում է թավայում ձկան պես տապակվելու վտանգին
- 29 XXIX. Պինոքին վերադառնում է Ֆեյայի տուն։ Ֆեյան խոստանում է, որ հաջորդ օրը նա ոչ թե բուրատինո, այլ իսկական տղա է դառնալու։ Սուրճի և կաթի մեծ նախաճաշ՝ այդ նոր իրադարձության առթիվ
- 30 XXX. Պինոքիոն իսկական տղա դառնալու փոխարեն իր ընկերոջ՝ Լուչինյոլոյի հետ թաքուն գնում է Խաղալիքների Երկիրը
- 31 XXXI. Խաղալիքների Երկրի հինգ ամսից հետո Պինոքիոն զարմանքով զգում է, որ գլխին մի զույգ էշի ականջներ են դուրս գալիս, և նա պոչով ու ամեն ինչով դառնում է մի իսկական էշ
- 32 XXXII. Գլխին էշի ականջներ դուրս գալուց հետո Պինոքիոն իսկական էշ է դառնում և սկսում է զռալ
- 33 XXXIII. Պինոքիոն իսկական էշ է դառնում, տանում են վաճառելու։ Նրան գնում է մի կրկեսախմբի տնօրեն, որպեսզի սովորեցնի պարել և օղակների միջով թռչել։ Սակայն մի երեկո էշն սկսում է կաղալ և այդ պատճառով նորից վաճառվում է մի ուրիշի, որը գնում է նրան՝ կաշվից թմբուկ պատրաստելու նպատակով
- 34 XXXIV. Երբ Պինոքիոյին ծով են նետում, ձկները նրան ուտում են, որից հետո նա կրկին բուրատինո է դառնում։ Բայց լող տալու ժամանակ ահեղ Շնաձուկը նրան կուլ է տալիս
- 35 XXXV. Պինոքիոն Շնաձկան փորում նորից գտնում է․․․ ո՞ւմ է գտնում նորից։ Կարդացեք այս գլուխը՝ կիմանաք
- 36 XXXVI. Վերջապես Պինոքիոն դադարում է բուրատինո լինելուց և դառնում է տղա
I. Թե ինչպես պատահեց, որ վարպետ Չիլիեջան, արհեստով ատաղձագործ, մի կտոր փայտ գտավ, որը երեխայի նման և՛ լալիս էր, և՛ ծիծաղում
Լինում է․․․ չի լինում․․․
— Մի թագավոր է լինում,— երևի անմիջապես ասեն իմ փոքրիկ ընթերցողները։
Ո՛չ, երեխաներ, սխալվեցիք։ Լինում է, չի լինում․․․ մի փայտի կտոր է լինում։
Ոչ թե արտասովոր, այլ մի կտոր սովորական փայտ, որ ձմեռը վառարան կամ բուխարի են նետում՝ կրակ անելու և սենյակը տաքացնելու համար։
Չգիտեմ ինչպես էր պատահել, բայց բանն այն է, որ մի գեղեցիկ օր այդ փայտի կտորը ընկավ մի ծերուկ ատաղձագործի արհեստանոց։ Ատաղձագործի անունը վարպետ Անտոնիո էր, թեև բոլորը նրան կոչում էին վարպետ Չիլիեջա[1]՝ քթի ծայրի պատճառով, որը հասած բալի պես կարմիր էր ու փայլուն։
Վարպետ Չիլիեջան այդ փայտի կտորը տեսնելուն պես խիստ ուրախացավ և, ուրախությունից ձեռքերը շփելով, կիսաձայն մրթմրթաց.
— Այս փայտի կտորը ճիշտ ժամանակին ձեռքս ընկավ. հիմա սրանից փոքրիկ սեղանի ոտք կպատրաստեմ։
Ասածն՝ արած էր. իսկույն ձեռքն առավ սրած ուրագը՝ կեղևը հանելու և տաշելու համար։ Բայց երբ ուրագը վեր բարձրացրեց հարվածելու համար, տեղն ու տեղը քարացավ, որովհետև ականջը մի շատ բարակ ձայն ընկավ, որը խնդրելով ասաց.
— Այդքան ուժեղ մի՛ խփիր․․․
Պատկերացրեք, թե ի՜նչ պատահեց այդ բարի ծերունուն` վարպետ Չիլիեջային։
Նա շաղված աչքերն այս ու այն կողմ շուռ տվեցորոշելու, թե որտեղից կարող էր գալ այդ ձայնը, բայց ո՛չ ոքի չտեսավ։ Նայեց դազգահի տակ
ո՛չ ոք չկա. նայեց պահարանի մեջ, որը միշտ փակ էր լինումո՛չ ոք. նայեց տաշեղի զամբյուղը
ո՛չ ոք, բացեց արհեստանոցի դուռը և նայեց փողոց՝ այնտեղ էլ ոչ ոք չկար։ Ի՞նչ բան է․․․
— Աա՜, իմացա,— ասաց վարպետը ծիծաղելով ու ծոծրակը քորելով,— երևում է ականջներս ձեն տվին։ Շարունակենք աշխատել։
Եվ նորից ուրագը ձեռքն առնելով, մի ուժեղ հարված հասցրեց փայտի կտորին։
— Օ՜ֆ, կողս ջարդեցիր,— բողոքելով գոռաց միևնույն ձայնը։
Այս անգամ վախից վարպետ Չիլիեջայի լեղին տեղն ու տեղը ջուր կտրեց. աչքերը չռվեցին, բերանը մնաց բաց, որտեղից լեզուն կախվել էր, ինչպես լինում է շատրվանների վրա ծիծաղաշարժ քանդակների մոտ։ Սիրտը ետ գալուն պես, վախից դողալով մռթմռթաց.
— Բայց ձայնը որտեղի՞ց կարող էր գալ. չէ՞ որ այստեղ մարդ-մարդահոտ չկա։ Չլինի՞ թե հանկարծ այս փայտի կտորը սովորել է լաց լինել ու բողոքել երեխայի նման։ Անհավատալի է։ Ահա այս փայտի կտորը վառարանի համար է, ինչպես բոլոր սրա նման փայտի կտորները. եթե սա վառվենք, կարելի է մի պղինձ լոբի եփել։ Ի՞նչ բան է։ Կարո՞ղ է պատահել` որևէ մեկը պահված լինի սրա մեջ։ Եթե այդ մեկն իսկապես թաքնվել է, ավելի վատ իր համար։ Հիմա ես նրա հախիցը կգա՜մ։
Այս ասելով, նա երկու ձեռքով ճանկեց խեղճ փայտի կտորը և սկսեց մոլեգնորեն խփել արհեստանոցի պատերին։
Հետո սկսեց ականջ դնել, թե արդյոք որևէ բողոքի ձայն չի՞ լսվում։ Սպասեց երկու րոպեո՛չ մի ձայն, հինգ րոպե
ո՛չ մի ձայն, տասը րոպե` էլի ո՛չ մի ձայն։
— Աա՜, իմացա,— ասաց վարպետը, ջանալով ծիծաղել ու խճճելով կեղծամի մազերը,— երևում է, ինձ թվացել է։ Շարունակենք աշխատել։ Եվ որովհետև սիրտը սոսկալի վախ էր ընկել, փորձեց ինչ-որ երգ դնդնալ՝ իրեն մի փոքր սիրտ տալու համար։
Հետո ուրագը գրեց պատի տակ, վերցրեց ռանդան, որպեսզի հարթի փայտի կտորը։ Բայց երբ ռանդան ետ ու առաջ էր տանում-բերում, լսեց միևնույն ձայնը, որը քրքջալով ասաց նրան.
— Վե՛րջ տուր, դու ինձ խուտուտ ես տալիս։
Այս անգամ խեղճ վարպետ Չիլիեջան վայր ընկավ կայծակնահարի նման։ Եվ երբ աչքերը բացեց, տեսավ, որ նստած է հատակին։ Երեսը ծամածռվել էր, իսկ քթի ծայրը, որ միշտ էլ կարմիր էր, սարսափից կապտել էր այս անգամ։
II. Վարպետ Չիլիեջան փայտի կտորը նվիրում է իր բարեկամ Ջեպետտոյին, որն այն վերցնում է՝ մի պարող, սրամտող և մահացու թռիչքներ կատարող բուրատինո պատրաստելու համար
Հենց այդ րոպեին դուռը ծեծեցին։
— Համեցեք,— ասաց ատաղձագործը, ուժ չունենալով ոտքի կանգնելու։
Ներս մտավ մի շատ աշխույժ ծերուկ, որի անունը Ջեպետտո էր, բայց որին հարևան երեխաները, երբ ուզում էին կատաղեցնել, կալում էին Պոլենդինա, որովհետև նրա դեղնագույն կեղծամը շատ նման էր եգիպտացորենից պատրաստած պոլենդինայի։
Ջեպետտոն խիստ ջղային մարդ էր։ Վա՜յ նրան, ով Պոլենդինա կանչեր ծերունուն։ Իսկույն ևեթ այնպես էր կատաղում, որ էլ հանգստացնելու ճար չէր լինում։
— Բարի հաջողում, վարպետ Անտոնիո,— ասաց Ջեպետտոն,- այդ ի՞նչ եք անում գետնին։
— Մրջյուններին թվաբանություն եմ սովորեցնում։
— Գործիդ հաջողություն։
— Ի՞նչն է ձեզ բերել ինձ մոտ, քավոր Ջեպետտո։
— Ոտքերս։ Գիտեք, վարպետ Անտոնիո, եկել եմ ձեզնից մի բան խնդրելու։
— Աչքիս վրա, պատրաստ եմ ծառայելու,— պատասխանեց ատաղձագործը, ծնկները վեր բարձրացնելով։
— Այսօր գլխումս մի միտք է ծագել։
— Ասացեք, տեսնենք։
— Որոշել եմ փայտից մի լավ բուրատինո[2] պատրաստել. բայց մի հրաշագործ բուրատինո, որ պարի, սրամարտի և մահացու թռիչքներ կատարի։ Այդ բուրատինոյի հետ ուզում եմ աշխարհը շրջել՝ իմ օրական մի կտոր հացն ու մի բաժակ գինին վաստակելու համար։ Ձեր խելքն ի՞նչ է կտրում։
— Կեցցե՜ս, Պոլենդինա,— բացականչեց միևնույն բարակ ձայնը, որ հայտնի չէ, թե որտեղից էր գալիս։
Պոլենդինա բառը լսելուն պես քավոր Ջեպետտոն իսկույն կարմրատակեց տաքդեղի նման և, թեքվելով դեպի ատաղձագործը, փրփուրը բերանը տված ասաց.
— Ինչո՞ւ եք ինձ վիրավորում։
— Ո՞վ է ձեզ վիրավորում։
— Ինձ ասացիք «Պոլենդինա»։
— Այդ ես չէի։
— Մի քիչ էլ մնա, կասեք, թե ե՛ս էի։ Ասում եմ, որ դո՛ւք էիք։
— Չէ՛։
— Հա՛։
— Չէ՛։
— Հա՛։
Եվ տաքանալով, խոսքից գործի անցան ու իրար մազերից բռնելով, սկսեցին միմյանց ճանկռտել, կծել ու հունցել։
Կռիվը վերջանալուց հետո պարզվեց, որ Ջեպետտոյի դեղին կեղծամը մնացնել է վարպետ Անտոնիոյի ձեռքում, իսկ ատաղձագործի կեղծամը՝ Ջեպետտոյի բերանում։
— Ե՛տ տուր իմ կեղծամը,— ասաց վարպետ Անտոնիոն։
— Իսկ դու էլ ի՛մը տուր և արի հաշտվենք։
Ու ծերուկները, կեղծամերը միմյանց հանձնելով, իրար ձեռք սեղմեցին, խոսք տալով բարեկամներ մնալ։
— Ուրեմն, քավոր Ջեպետտո,— ասաց ատաղձագործն ի նշան կնքած խաղաղության,– ի՞նչ է ձեր խնդրածը։
— Ես մի կտոր փայտ էի ուզում՝ իմ ասած բուրատինոն պատրաստելու համար։ Կտա՞ք։
Վարպետ Անտոնիոն իսկույն ևեթ գոհունակությամբ գնաց դազգահի վրայից բերելու այն փայտի կտորը, որն այնքան վախ էր պատճառել նրան։ Բայց հենց որ ուզեց հանձնել բարեկամին, փայտի կտորը ուժեղ կերպով ցնցվեց և, դուրս պրծնելով նրա ձեռքից, կպավ խեղճ Ջեպետտոյի ծնկին։
— Օ՜ֆ, այսպիսի քաղաքավարությա՞մբ եք մարդու որևէ բան նվիրում, վարպետ Անտոնիո։ Քիչ մնաց ոտքս կոտրեիք։
— Երդվում եմ, այդ ես չէի։
— Այդ դեպքում՝ ե՞ս էի․․․
— Ողջ հանցանքն այս փայտինն է․․․
— Գիտեմ փայտինն է, բայց ոտքիս զարկողը դուք էիք։
— Ես չէի։
— Ստախո՛ս։
— Ջեպետտո, ինձ մի վիրավորեք, այլապես ես էլ ձեզ Պոլենդինա կասեմ․․․
— Է՛շ։
— Պոլենդի՛նա։
— Ավանա՛կ։
— Պոլենդի՛նա։
— Այլանդակ կապի՛կ։
— Պոլենդի՛նա։
Երրորդ անգամ Պոլենդինա լսելիս, արյունը Ջեպետտոյի գլուխը տվեց, և նա նորից հարձակվեց ատաղձագործի վրա։ Այստեղ արդեն մի լավ դնգսեցին իրար․․․
Կռիվը վերջացավ նրանով, որ վարպետ Անտոնիոյի քթի վրա երկու քերծվածք ավելացավ, իսկ մյուսի պիջակից պակասեց երկու կոճակ։ Այս ձևով հավասարեցնելով իրենց հաշիվը, նրանք սեղմեցին իրար ձեռք ու երդվեցին՝ ողջ կյանքում մնալ լավ բարեկամներ։
Այնուհետև Ջեպետտոն վերցրեց իր արտասովոր փայտի կտորը և, շնորհակալություն հայտնելով վարպետ Անտոնիոյին, կաղալով վերադարձավ տուն։
III. Ջեպետտոն տուն վերադառնալուն պես սկսում է բուրատինո պատրաստել և անունը դնում է Պինոքիո։ Բուրատինոյի սկզբնական չարաճճիությունները
Ջեպետտոյի տունը ներքնահարկ մի սենյակ էր, որի լույսը ընկնում էր սանդուղքների տակից։ Կահույքը, որ ավելի հասարակ լինել չէր կարող, բաղկացած էր մի անպետք աթոռից, մի նույնքան անպետք մահճակալից և մի փոքրիկ, ամբողջապես ջարդված սեղանից։ Դիմացի պատին մի վառած բուխարի էր երևում, բայց կրակը նկարած էր։ Կրակի կողքին նկարած էր նաև մի պղինձ, որը եռանդով խլթխլթում էր, բաց թողնելով գոլորշու կարծես թե բնական քուլաներ։
Տուն մտնելուն պես Ջեպետտոն վերցրեց գործիքները և սկսեց պատրաստել բուրատինոն։
— Ի՞նչ անուն դնեմ սրան,— ասաց ինքն իրեն։— Կոչեմ Պինոքիո։ Այս անունը սրան բախտավորություն կբերի։ Ես Պինոքիոների մի ամբողջ ընտանիք գիտեի. հայրն էլ էր Պինոքիո, մայրն էլ էր Պինոքիո, Պինոքիո էին նաև երեխաները։ Նրանք բոլորն էլ ապրում էին հաջողությամբ։ Նրանցից ամենահարուստը մուրացկանություն էր անում։
Հենց որ իր բուրատինոյին անուն գտավ, Ջեպետտոն սկսեց աշխատել է՛լ ավելի մեծ եռանդով. իսկույն ևեթ պատրաստեց բուրատինոյի մազերը, հետո ճակատը, այնուհետև աչքերը։
Աչքերը պատրաստելուց հետո պատկերացրեք Ջեպետտոյի զարմանքը, երբ նկատեց, որ դրանք շարժվում են ու ակնապիշ նայում իրեն։ Այդ բանը վրդովեց Ջեպետտոյին, և նա գրեթե բարկացած հարցրեց.
— Փայտե աչքեր, ինչո՞ւ եք նայում ինձ։
Ո՛չ մի պատասխան։
Այնուհետև պատրաստեց քիթը։ Հենց որ վերջացրեց, քիթն սկսեց աճել. աճեց, աճեց, աճեց և մի քանի րոպեում դարձավ մի այնպիսի հսկայական քիթ, որ վերջ չուներ։
Խեղճ Ջեպետտոյի հոգին դուրս եկավ նրա ծայրը կտրելով։ Բայց որքան շատ էր կտրում ու կարճացնում, այնքան շատ այդ հանդուգն քիթը երկարում էր։
Քթից հետո պատրաստեց բերանը։
Դեռ չէր վերջացրել, երբ բերանն սկսեց ծիծաղել ու ձեռ առնել Ջեպետտոյին։
— Վե՛րջ տուր ծիծաղիդ,— զայրացած ասաց Ջեպետտոն։ Բայց ոնց որ պատին ասեին։
— Ասում եմ՝ վե՛րջ տուր ծիծաղիդ,– բղավեց նա ահաբեկիչ ձայնով։
Այն ժամանակ բերանը վերջ տվեց ծիծաղին, բայց ամբողջ լեզուն դուրս գցեց։
Ջեպետտոն իր գործը չփչացնելու համար ցույց տվեց, թե իբր չի նկատում և շարունակեց աշխատել։
Բերանից հետո պատրաստեց կզակը, այնուհետև վիզը, ուսերը, փորը, հետո թևերն ու ձեռքերը։
Հենց որ ձեռքերը պատրաստեց վերջացրեց, զգաց, որ գլխի կեղծամը տանում են։ Շուռ եկավ և ի՞նչ տեսնի. դեղին կեղծամը բուրատինոյի ձեռքում է։
— Պինո՛քիո․․․ իսկույն ևեթ վերադարձրու իմ կեղծամը։
Բայց Պինոքիոն վերադարձնելու փոխարեն կեղծամը դրեց իր գլխին, որի տակից հազիվ էր երևում։
Այդպիսի հանդուգն ու ծաղրական վերաբերմունքից Ջեպետտոն այնպես տխրեց ու մելամաղձոտ դարձավ, որ իր կյանքում երբեք չէր եղել։ Շուռ գալով դեպի Պինոքիոն, նա ասաց.
— Անպիտա՛ն տղա, դու դեռ նույնիսկ պատրաստ չես, բայց արդեն սկսում ես չհարգել քո հորը։ Այդ վա՛տ է, տղա՛ս, վատ է։ Եվ սրբեց արցունքը։
Մնացել էին ոտքերը, որ պատրաստի-վերջացնի։ Երբ Ջեպետտոն ոտքերը պատրաստեց, շրը՜փ՝ մի քացի ստացավ քթի ծայրին։
— Տե՛ղն է ինձ,— ասաց Ջեպետտոն ինքն իրեն։— Այդ մասին ես պետք է առաջ մտածեի։ Այժմ արդեն ուշ է։
Այնուհետև, բռնելով բուրատինոյի թևատակերից, վեր բարձրացրեց ու դրեց գետնին, սենյակի հատակի վրա, որպեսզի քայլել սովորեցնի։
Պինոքիոյի ոտքերը անզգա էին, այդ պատճառով էլ չէր կարողանում շարժվել, բայց Ջեպետտոն նրա ձեռքից բռնած ուղեկցում էր ու սովորեցնում մի ոտքը մյուսի հետևից դնել։
Երբ ոտքերը բացվեցին, Պինոքիոն սկսեց քայլել ինքն իրեն և սենյակի մեջ վազվզել այնքան ժամանակ, մինչև որ դուրս պրծավ դռնից, ընկավ փողոց և սկսեց փախչել։
Խեղճ Ջեպետտոն էլ վազում էր բուրատինոյի հետևից, չկարողանալով հասնել նրան, որովհետև այդ անպիտան չարաճճի Պինոքիոն սլանում էր նապաստակի նման և, փայտյա ոտքերը խփելով փողոցի սալահատակին, այնպիսի մի աղմուկ էր բարձրացնում, որ կարծես թե քսան հոգի փայտյա մաշիկներով վազելիս լինեին։
— Բռնեցե՜ք դրան, բռնեցե՜ք դրան,— գոռում էր Ջեպետտոն։ Սակայն փողոցում եղած մարդիկ, տեսնելով այդ փայտյա բուրատինոյին, որը ձիու նման սլանում էր, կանգ էին առնում հրապուրված այդ տեսարանից և այնպես ծիծաղում, այնպես ծիծաղում, որ չեք կարող պատկերացնել։
Վերջիվերջո, բարեբախտաբար, մի ոստիկան հանդիպեց, որը, լսելով այդ աղմուկն ու աղաղակը և կարծելով, թե ձիու քուռակ է դուրս պրծել տիրոջ ձեռքից, կանգնեց փողոցի մեջտեղում, որոշելով պահել նրան և թույլ չտալ, որ ավելի մեծ դժբախտություն տեղի ունենա։
Բայց երբ Պինոքիոն հեռվից նկատեց ոստիկանին, որը փակել էր ճանապարհը, որոշեց անցնել նրա ոտքերի արանքով։ Սակայն այդ նրան չհաջողվեց։
Ոստիկանը, առանց տեղից շարժվելու, ճարպկորեն բռնեց նրա քթից (դա մի անպատեհ հսկայական քիթ էր, որը կարծես թե դիտավորյալ կերպով էր պատրաստված, որպեսզի ոստիկանները բռնեն) և բուրատինոյին հանձնեց Ջեպետտոյի ձեռքը։ Սա որպես պատիժ ուզում էր Պինոքիոյի ականջները մի լա՜վ քաշել, բայց, պատկերացրեք ինչ զարմանք բան, ականջները չկային․․․ Եվ գիտե՞ք ինչու. որովհետև պատրաստելիս անչափ շտապելուց Ջեպետտոն ականջները մոռացել էր։
Այն ժամանակ Ջեպետտոն բռնեց նրա ծոծրակից և, հրելով դեպի տուն, գլուխր ցնցեց ու սպառնաց.
— Տո՛ւն գնանք, այնտեղ կմաքրվենք մեր հաշիվները, այդ մասին կարող ես չկասկածել։
Պինոքիոն այդ բառերը լսելուն պես փռվեց գետնին և չէր ուզում այլևս քայլել։ Այդ ժամանակ տեսարանի սիրահար ու պարապ-սարապ մարդիկ սկսեցին կանգ առնել ու հավաքվել նրանց շուրջը։
Մեկը մի բան էր ասում, մյուսը՝ մի այլ բան։
— Խե՜ղճ բուրատինո,— ասում էին մի քանիսը,— նա իրավացի է, որ չի ցանկանում տուն վերադառնալ։ Ո՛վ գիտե, ինչպես է ծեծելու նրան այդ վայրենի Ջեպետտոն․․․
Իսկ մյուսներն էլ չարամտորեն ավելացնում էին.
— Այդ Ջեպետտոն թվում է կարգին մարդ, բայց երեխաների հետ այնպես է վարվում, կարծես բռնակալ լինի։ Եթե այդ խեղճ բուրատինոյին նրա ձեռքում թողնեն, նա կարող է պատառ-պատառ անել։
Մի խոսքով, այնքան արին, որ ոստիկանը Պինոքիոյին նորից ազատեց, իսկ խեղճ Ջեպետտոյին բանտ տարավ։ Նա էլ այդ րոպեին իրեն պաշտպանելու խոսք չգտնելով, լալիս էր հորթի նման ու հեկեկալով քրթմնջում.
— Չարաբաստիկ տղա, ինչքա՜ն չարչարվեցի՝ քեզ մի խելոք բուրատինո դարձնելու համար․․․ բայց տե՛ղն է ինձ։ Սկզբից պետք է այդ մասին մտածեի․․․
Այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, մի անհավատալի պատմություն է, որի մասին կպատմեմ մյուս գլուխներում։
IV. Պինոքիոյի և Խոսող Ծղրիդի պատմությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես չար ու վատ երեխաները չեն սիրում իրենցից խելացին լսել
Այսպիսով, երեխաներ, ես ձեզ կպատմեմ, թե ինչպես այն ժամանակ, երբ խեղճ Ջեպետտոյին առանց որևէ հանցանքի բանտ տարան, այդ անպիտան Պինոքիոն, ոստիկանի ճանկերից ազատված, ուղիղ կտրելով դաշտերը, ավելի կարճ ճամփով փախավ դեպի տուն։ Նա գլուխը կորցրած թռչում էր հսկայական բարձրություն ունեցող զառիթափերի, փշոտ ցանկապատերի և ջրով լիքը փոսերի վրայով, կարծես թե որսորդից հետապնդվող այծիկ կամ նապաստակ լիներ։
Երբ տուն հասավ, տեսավ փողոցի դուռը փակ է։ Դուռը հրեց, ներս մտավ և, փակը գցելով, փռվեց գետնին ու մեծ գոհունակությամբ մի հանգիստ շունչ քաշեց։
Բայց այդ հանգստությունը երկար չտևեց, որովհետև սենյակում մի ձայն լսեց՝ ճը՜ռ, ճը՜ռ, ճը՜ռ։
— Այդ ո՞վ է ինձ կանչում,— ասաց Պինոքիոն բոլորովին սարսափած։
— Ե՛ս եմ։
Պինոքիոն շուռ եկավ և տեսավ մի մեծ ծղրիդ, որը պատի վրայով դանդաղ վեր էր բարձրանում։
— Ասա ինձ, Ծղրիդ, դու ո՞վ ես։
— Ես Խոսող Ծղրիդն եմ և հարյուր տարուց ավելի է, ինչ ապրում եմ այս սենյակում։
— Համենայնդեպս, այսօր այս սենյակն իմն է,— ասաց բուրատինոն,— և եթե ուզում ես ինձ մի իսկական բավականություն պատճառել, առանց ետ նայելու իսկույն հեռացիր այստեղից։
— Ես այստեղից չեմ հեռանա,— պատասխանեց Ծղրիդը,— մինչև որ քեզ մի ճշմարտություն չասեմ։
— Դե շուտ ասա ու կորի՛ր։
— Վա՜յ այն երեխաներին, որոնք խռովում են իրենց ծնողներից և կամակորությամբ լքում իրենց հայրական տունը։ Նրանք կյանքում երբեք հաջողություն չեն ունենա և վաղ թե ուշ դառնորեն կզղջան։
— Երգի՛ր, Ծղրիդ, երգի՛ր, ինչպես որ խելքդ փչում է, իսկ ես գիտեմ, որ առավոտը շուտ այստեղից գնալու եմ, որովհետև եթե մնամ, ինձ էլ նույնը կպատահի, ինչ որ բոլոր երեխաներին. կարճ ասած, ինձ դպրոց կուղարկեն, և այն ժամանակ ուզեմ-չուզեմ պիտի սովորեմ։ Իսկ ես, խոսքը մեր մեջ, սովորելու ոչ մի ցանկություն չունեմ և իմ ամենամեծ զվարճությունը թիթեռնիկների հետևից վազելն է, ծառեր բարձրանալը և թռչունների բներից ձագուկներ հանելը։
— Հիմա՛ր Պինոքիո, մի՞թե չես հասկանում, որ այդպես շարունակելով դառնալու ես անգետ տխմարի մեկը և ամենքի ծիծաղի առարկան։
— Ձա՛յնդ կտրիր, չարագուշակ Ծղրիդ,— բղավեց Պինոքիոն։
Բայց Ծղրիդը, որ համբերատար էր և փիլիսոփա, այդ հանդգնությունից վիրավորվելու փոխարեն շարունակեց միևնույն ձայնով.
— Իսկ եթե քեզ դուր չի գալիս դպրոց գնալը, գոնե որևէ արհեստ սովորիր, որպեսզի կարողանաս ազնվորեն մի կտոր հաց վաստակել։
— Ուզո՞ւմ ես քեզ ասեմ,— պատասխանեց Պինոքիոն, որ արդեն սկսել էր համբերությունից դուրս գալ։— Աշխարհի բոլոր արհեստների մեջ կա միայն մեկը, որն իսկապես դուր է գալիս ինձ։
— Իսկ այդ ի՞նչ արհեստ է․․․
— Ուտելը, խմելը, քնելը, զվարճանալը և առավոտից մինչև երեկո թափառելը։
— Իմացած եղիր,— ասաց Խոսող Ծղրիդը իր սովորական հանգիստ ձայնով,— որ բոլոր նրանք, ովքեր այդ արհեստով են զբաղվում, գրեթե միշտ էլ իրենց կյանքը անց են կացնում կամ հիվանդանոցներում, կամ բանտերում։
— Լավ իմացիր, չարագուշակ Ծղրիդ, եթե ինձ շատ կատաղեցնես, վերջդ վատ կլինի․․․
— Թշվա՛ռ Պինոքիո, ես քեզ ուղղակի խղճում եմ․․․
— Ինչո՞ւ ես խղճում։
— Որովհետև բուրատինո ես, և, որ ամենավատն է, գլուխդ փայտից է պատրաստված։
Այս վերջին խոսքերի վրա Պինոքիոն մոլեգնորեն տեղից վեր թռավ և սեղանի վրայից մի փայտյա մուրճ վերցնելով՝ ա՛ռ հա Խոսող Ծղրիդին։
Գուցե բուրատինոն կարծում էր, թե չի կպչի, բայց դժբախտաբար մուրճը կպավ ուղիղ Ծղրիդի գլխին, այնպես որ խեղճ Ծղրիդը հազիվ կարողացավ շունչ քաշել՝ ճը՜ռ, ճը՜ռ, ճը՜ռ ասելու համար ու մնաց տեղն ու տեղը ծեփված։
V. Պինոքիոն քաղցած է և մի ձու է որոնում, որպեսզի ձվածեղ պատրաստի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա ձվածեղը լուսամուտից դուրս է թռչում
Արդեն մթնում էր։ Հիշելով, որ ոչինչ չի կերել, Պինոքիոն հանկարծ զգաց, որ քաղցից ստամոքսը ճմլվում է և չափազանց մեծ ցանկություն ունի ուտելու։
Իսկ երեխաների մոտ ախորժակն արագ է գրգռվում։ Եվ իսկապես, մի քանի րոպեից հետո նրա ուտելու ցանկությունը դարձավ քաղց, այնուհետև վայրկենապես փոխվեց գայլի սովածության և հետո էլ այնքան ուժեղացավ, որ ուշքը գնում էր։
Խեղճ Պինոքիոն վազեց անմիջապես դեպի օջախը, որտեղ դրված էր մի եռացող պղինձ, և փորձեց պղնձի խուփը բացվել՝ տեսնելու համար, թե ի՞նչ կա միջին։ Բայց պղինձը նկարված էր պատի վրա։ Պատկերացրեք, թե ինչպե՞ս ապշեց։ Նրա քիթը, որ առանց այն էլ արդեն երկար էր, աճեց ամենաքիչը մի չորս մատ ևս։
Այն ժամանակ նա սկսեց սենյակի քունջ ու պուճախն ընկնել, դարակներն ու պահարանները քջջել մի կտոր թեկուզ և բորբոսնած հաց, որևէ կճեպ, շան առաջ նետած ոսկորի մի կտոր, ճաշի մի փոքր մնացորդ, ձկան փուշ, բալի կորիզ, մի խոսքով ծամելու որևէ բան գտնելու համար։ Բայց ոչ մի բան չգտավ, ուղղակի ոչինչ, բացարձակապես ոչինչ։
Մինչդեռ քաղցն անընդհատ աճում ու մեծանում էր։ Խեղճ Պինոքիոյի միակ մխիթարությունը մնացել էր հորանջելը։ Եվ հորանջելու ժամանակ էլ բերանն այնքան լայն էր բացում, որ երբեմն ականջներին էր հասնում։ Հորանջելուց հետո էլ թքում էր, զգալով, որ ստամոքսը քիչ է մնում տեղից դուրս դա։
Հետո սկսեց հուսաբեկ լաց լինել ու ասել.
— Խոսող Ծղրիդն իրավացի էր, Ես վատ արի, որ հորիցս երես թեքեցի ու տանից փախա․․․ Եթե հայրս այստեղ լիներ, այժմ ես քաղցած հորանջելով չէի մեռնի։ Ա՜խ, ինչ նողկալի հիվանդություն է քաղցը։
Բայց հենց այդ պահին նրան թվաց, թե աղբակույտի վրա մի սպիտակ ու կլոր բան է տեսնում, որը իսկական հավի ձվի էր նման։ Տեղից վեր ցատկելն ու վրա ընկնելը մեկ եղավ։ Իսկապես ձու էր։
Անկարելի է նկարագրել բուրատինոյի ուրախությունը, մարդ պետք է կարողանա միայն պատկերացնել այդ։ Գրեթե չհավատալով, որ դա երազ չէ, նա այդ ձուն պտտեցնում էր ձեռքերի մեջ, փաղաքշում ու համբուրում, և համբուրելով էլ կրկնում.
— Իսկ հիմա ինչպե՞ս պիտի եփեմ։ Ձվածե՞ղ անեմ․․․ Չէ՛, ավելի լավ է խաշել․․․ իսկ ավելի համեղ չէ՞ր լինի, եթե թավայում տապակեի։ Իսկ եթե, ընդհակառակը, թերխաշ անե՞մ։ Չէ՛, ամենահարմարը կամ թավայի մեջ, կամ մանղալով եփելն է. խելքս գնում է այս ձուն ուտելու համար։
Ասածն արած էր. թավան դրեց թեժ կրակի վրա և մեջը ձեթի կամ յուղի փոխարեն մի քիչ ջուր լցրեց։
Բայց հենց որ ջրից սկսեց գոլորշի բարձրանալ՝ թը՛խկ․․․ ձվի կճեպը ջարդվեց․․․
Սակայն սպիտակուցի ու դեղնուցի փոխարեն միջից դուրս թռավ մի շատ ուրախ ու հաճոյախոս ճուտ, որը սիրալիր խոնարհվելով, ասաց.
— Հազար անգամ շնորհակալ եմ, սինյոր Պինոքիո, ինձ ազատելու նպատակով ձվի կճեպը ջարդելու չարչարանքի համար, ցտեսություն, մնաս բարով և ջերմորեն բարևիր տանը։
Այսպես ասելով, նա տարածեց թևերը և, դուրս թռչելով բաց պատուհանից, սլացավ ու կորավ։
Խեղճ բուրատինոն զարմանքից մնաց տեղն ու տեղը քարացած. աչքերը չռվել էին, բերանը բացվել, իսկ ձվի կճեպն էլ մնացել էր ձեռքին բռնած։ Սակայն սթափվելուց հետո սկսեց հուսահատորեն լաց լինել, ճղղալ, ոտքերը գետնին խփել ու հեկեկալով ասել.
— Բայց և այնպես Խոսող Ծղրիդը իրավացի էր։ Եթե ես տանից փախած չլինեի, և հայրս էլ այստեղ լիներ, այժմ ստիպված չէի լինի սովից մեռնել։ Ա՜խ, ինչ անտանելի հիվանդություն է այս սովը։
Բայց որովհետև քաղցից նրա փորը շարունակում էր գռգռալ ավելի քան երբևէ, իսկ ինքն էլ չգիտեր ինչպես անի, որ դադարեցնի այն, որոշեց տանից դուրս գալ և իրեն գցել հարևան գյուղը, հույս ունենալով, որ կգտնի մի խղճով մարդ, որից կարելի կլինի մի կտոր հաց խնդրել։
VI. Պինոքիոն քնում է՝ ոտքերը դրած մանղալի վրա, իսկ առավոտյան արթնանում է ամբողջապես այրված ոտքերով
Ձմեռային մի զարհուրելի գիշեր էր։ Երկինքն ուժգնորեն դղրդում էր։ Կայծակն այնպես էր փայլատակում, կարծես թե երկինքը հրդեհ էր ընկել։ Խելագար ու սառը քամին, կատաղորեն սուլելով և փոշու հսկայական ամպեր բարձրացնելով, այնպես էր ճոճում գյուղի ծառերը, որ նրանք ճռճռում էին ու ճարճատում։
Պինոքիոն սաստիկ վախենում էր ամպրոպից ու կայծակից։ Միայն քաղցն էր վախից ավելի ուժեղ։ Նա մոտեցավ դռան շեմքին, դուրս պրծավ և սկսեց այնպես վազել, որ մի հարյուր թռիչք կատարելուց հետո, որսորդի շան նման լեզուն կախ գցած ու շունչը կտրված, հասավ գյուղ։
Բայց գյուղը մութ էր և ամայի։ Խանութները փակ էին, տների դռները՝ փակ, լուսամուտները՝ փակ. փողոցներում նույնիսկ շան ձայն չէր լսվում։ Ոնց որ մեռյալների աշխարհ լիներ։
Պինոքիոն հուսահատությունից ու քաղցից կպավ մի տան զանգից ու սկսեց անընդհատ զանգահարել, ինքն իրեն ասելով.
— Մեկնումեկը դուրս կգա։
Իսկապես, դուրս եկավ մի ծերուկ՝ գիշերային թասակը գլխին, և զայրացած բղավեց.
— Ի՞նչ եք ուզում այս ժամին։
— Բարի չե՞ք լինի մի կտոր հաց տալ ինձ։
— Սպասիր այդտեղ, ես հիմա կգամ,— պատասխանեց ծերուկը, կարծելով, որ գործ ունի այն կարգի դատարկապորտ երեխաներից մեկի հետ, որոնք զվարճանում են գիշերները սրա-նրա զանգը տալով՝ անհանգստացնելու համար ազնվատոհմ մարդկանց, որոնք հանգիստ քնած են լինում։
Կես րոպեից հետո լուսամուտը նորից բացվեց և միևնույն ծերուկի ձայնը կանչեց Պինոքիոյին.
— Կանգնիր լուսամուտի տակ ու գլխարկդ բռնիր։
Պինոքիոն, որ դեռ գլխարկ չուներ, մոտեցավ և կանգնեց պատուհանի տակ։ Հանկարծ նա զգաց, որ վերևից սելավի նման ջուր թափվեց վրան, ոտից գլուխ այնպես թրջելով նրան, որ կարծես թառամած ծաղկի թաղար լիներ։
Նա վերադարձավ տուն՝ մկան պես թրջված, հոգնածությունից ու քաղցից ուժասպառ։ Եվ որովհետև այլևս ուժ չուներ ոտքի վրա կանգնելու, նստեց, կեղտոտ ու թաց ոտքերը հենելով կրակով լիքը մանղալին։
Եվ այդպես էլ քնեց։ Իսկ քնած ժամանակ նրա ոտները, որոնք փայտից էին, կպան ու կամաց-կամաց այրվելով մոխիր դարձան։
Պինոքիոն շարունակում էր քնել ու խռմփալ, ասես թե այդ ոչ թե իր, այլ մի ուրիշի ոտքերը լինեին։ Վերջապես նա արթնացավ լուսաբացին՝ դռան թակոց լսելով։
— Ո՞վ է,— հարցրեց հորանջելով ու աչքերը տրորելով։
— Ես եմ,— պատասխանեց մեկը։
Այդ մեկը Ջեպետտոն էր։
VII. Ջեպետտոն վերադառնում է տուն և բուրատինոյին տալիս այն նախաճաշը, որ խեղճ մարդը պահել էր իր համար
Խեղճ Պինոքիոն, որի աչքերը դեռ քնաթաթախ էին, տակավին չէր նկատել իր ոտքերը, որոնք ամբողջապես այրվել էին։ Այդ պատճառով էլ հոր ձայնր լսելուն պես՝ ցատկեց աթոռից, որպեսզի վազեվազ գնա և դռան փակը բաց անի։ Սակայն վազելու փոխարեն մի երկու-երեք անգամ օրորվեց ու երեսի վրա փռվեց հատակին։
Այդ թրմփոցից մի այնպիսի ձայն դուրս եկավ, որ կարծվես թե հինգերորդ հարկից մի պարկ շերեփ ու գդալ ցած գցեին։
— Բա՛ց արա,— գոռում էր Ջեպետտոն փողոցից։
— Հայրիկ, չեմ կարողանում,— լաց լինելով և գետնին թավալ տալով պատասխանեց բուրատինոն։
— Ինչո՞ւ չես կարողանում։
— Որովհետև ոտքերս կերել են։
— Ոտքերդ ո՞վ է կերել։
— Կատուն,— ասաց Պինոքիոն, տեսնելով տաշեղի կտորի հետ թաթիկներով խաղ անող ու զվարճացող կատվին։
— Բա՛ց արա, քեզ ասում եմ,— կրկնեց Ջեպետտոն,— թե չէ ներս մտա՝ կատու ցույց կտամ քեզ։
— Չեմ կարողանում ոտքերիս վրա կանգնել հավատացե՛ք։ Ա՛խ, վա՜յ ինձ, վա՜յ իմ օրին, սրանից հետո արդեն ողջ կյանքիս ընթացքում ծնկներիս վրա եմ սողալու․․․
Ջեպետտոն, կարծելով, որ այդ լաց ու կոծը էլի բուրատինոյի սարքած օյիններից են, որոշեց վերջ տալ դրան ու, պատի վրայից վեր մագլցելով, լուսամուտով ներս մտավ։
Սկզբում նա ուզում էր ասածն անել, բայց հետո, երբ տեսավ, որ իր Պինաքիոն գետնին փռված է և իսկապես մնացել է առանց ոտների, մեղքը եկավ. անմիջապես վզովն ընկավ, սկսեց համբուրել, հազար ու մի տեսակ փաղաքշել, շոյել, և, այտերի վրայով ներքև գլորվող արցունքներով ողողված՝ դիմեց նրան հեկեկալով.
— Իմ փոքրիկ Պինոքիո, այդ ինչպե՞ս է եղել, որ ոտքերդ այրել ես։
— Ես չգիտեմ, հայրիկ, բայց հավատացեք, որ մի դժոխային գիշեր էր, ես այդ չեմ մոռանա մինչև գերեզման։ Ամպերը գոռում էին, կայծակը տրաքում էր, ես էլ շատ սոված էի։ Այդ ժամանակ Խոսող Ծղրիդն ինձ ասաց. «–Քեզ տեղն է, վատ տղա էիր դարձել», իսկ ես էլ նրան ասացի. «Ձայնդ կտրիր, չարագուշակ Ծղրիդ», իսկ նա էլ ինձ ասաց. «Դու բուրատինո ես ու գլուխդ էլ փայտից է պատրաստված», ես էլ փայտե մուրճով այնպես տվի, որ նա մեռավ։ Բայց մեղքը իրենն էր, որովհետև ես չէի ուզում նրան սպանել, դրա ապացույցն այն է, որ ես թավան դրի թեժ կրակի վրա, իսկ ճուտը դուրս պրծավ ու ասաց. «Ցտեսություն․․․ և ջերմորեն բարևիր տանը»։ Ես էլ քանի գնում էի՝ այնքան սովածանում էի, դրա համար էլ այն գիշերային թասակով ծերուկը, նայելով լուսամուտից, ասաց. «Կանգնիր լուսամուտի տակ և գլխարկդ բռնիր», հետո էլ հեղեղի նման գլխիս ջուր լցրեց, որովհետև մի կտոր հաց խնդրելն ամոթ չէ, ճի՞շտ է, ես իսկույն վերադարձա տուն, որովհետև սովից ուշքս գնում էր, ոտքերս մանղալի վրա դրի, որպեսզի չորացնեմ, իսկ դուք էլ վերադարձաք, բայց ոտքերս այրված են․․․ Սովածությունս դեռ մնում է, իսկ ոտքերս չկան, ըհի ․․․ ըհի՛․․․ ըհի՛․․․
Եվ խեղճ Պինոքիոն սկսեց լաց լինել ու ճղղալ այնպիսի ուժգնությամբ, որ ձայնը հինգ կիլոմետրի վրա լսվում էր։
Ջեպետտոն, որն այդ ողջ խառնիճաղանջ պատմությունից միայն ու միայն մի բան էր հասկացել, այն է, որ բուրատինոն սովից մեռնում է, գրպանից երեք տանձ հանեց և, մեկնելով Պինոքիոյին, ասաց.
— Այս երեք տանձը իմ նախաճաշի համար էր, բայց տալիս եմ քեզ։ Կե՛ր, անուշ լինի։
— Եթե ուզում եք ուտեմ, խնդրում եմ կլպեք էլ։
— Կլպե՞լ,— զարմացած վրա բերեց Ջեպետտոն։— Ես երբեք չէի կարող կարծել, որ դու, տղաս, այդքան նրբաճաշակ ու բծախնդիր կարող ես լինել։ Վատ է։ Այս աշխարհում մանկությունից սկսած պետք է սովորել բծախնդիր չլինել և ուտել այն, ինչ ձեռքդ ընկնում է, որովհետև երբեք հայտնի չէ, թե ինչ կարող է ընկնել մեր ձեռքը․․․ Կյանքում ամեն ինչ լինում է․․․
— Լավ եք ասում,— ավելացրեց Պինոքիոն,— բայց ես երբեք առանց կլպելու միրգ չեմ ուտում։ Տանել չեմ կարող մրգի կլեպը։
Եվ բարի Ջեպետտոն, դուրս հանվելով մի փոքրիկ դանակ ու զինվելով համբերությամբ, կլպեց տանձերը, իսկ կլեպներն էլ հավաքեց սեղանի մի անկյունում։
Երբ Պինոքիոն երկու անգամ կծելով կերավ առաջին տանձը և ուզեց մնացածը դեն շպրտել, Ջեպետտոն բռնեց նրա թևը, ասելով.
— Մի՛ գցիր, այս աշխարհում ամեն ինչ պետք է գալիս։
— Բայց ես իսկապես սա չե՞մ ուտում,— գոռաց Պինոքիոն, օձի նման շուռ գալով։
— Ո՞վ է իմանում, կյանքում ամեն ինչ պատահում է,— առանց տաքանալու կրկնեց Ջեպետտոն։
Ի վերջո երեք մնացորդն էլ պատուհանից դուրս նետվելու փոխարեն դրվեցին, սեղանի անկյունը՝ կեղևների հետ միասին։
Երեք տանձն ուտելուց, ավելի ճիշտ՝ կլանելուց հետո, Պինոքիոն մի լավ հորանջեց ու թնգթնգալով ասաց.
— Էլի սովա՜ծ եմ։
— Բայց, տղաս, ես էլ ոչինչ չունեմ քեզ տալու համար։
— Ո՞չ մի բան․․․
— Բացի այս տանձի կեղևներից ու մնացուկներից։
— Սպասիր,— ասաց Պինոքիոն,— թե որ ուրիշ բան չկա, մի կեղև ուտեմ։
Եվ սկսեց ծամել։ Սկզբից բերանը մի փոքր ծռմռեց, իսկ հետո՝ մեկը մյուսի հետևից բոլոր կեղևները մի շնչով աղաց։ Կեղևներից հետո էլ կլանեց մնացուկները և, հենց որ ամեն ինչ կերավ վերջացրեց, գոհունակությամբ ձեռքերը խփեց փորին և խանդավառությամբ ասաց.
— Հիմա արդեն ինձ լավ եմ զգում։
— Տեսնո՞ւմ ես, որ ես իրավացի էի,— նկատեց Ջեպետտոն,— երբ ասում էի, որ կարիք չկա դատարկ տեղը փիլիսոփայել ու չափից դուրս նրբաճաշակ լինել ուտելու մեջ։ Սիրելիս, երբեք հայտնի չէ, թե ինչ կարող է պատահել մեզ այս աշխարհում։ Կյանքում ամեն ինչ պատահում է․․․
VIII. Ջեպետտոն վերանորոգում է Պինոքիոյի ոտքերը և վաճառում իր պիջակը՝ նրան Այբբենարան գնալու համար
Հենց որ բուրատինոն կշտացավ, իսկույն ևեթ սկսեց թնգթնգալ ու լաց լինել, պահանջելով մի զույգ նոր ոտքեր։
Բայց Ջեպետտոն, որպեսզի պատժի նրան իր արած չարությունների համար, մի ամբողջ կես օր թողեց հուսաբեկ լաց լինի, իսկ հետո էլ ասաց.
— Ինչո՞ւ պիտի վերանորոգեմ քո ոտքերը․․․ Նրա համար, որ նորի՞ց տանից փախչես։
— Խոսք եմ տալիս,— ասաց բուրատինոն,— որ սրանից հետո խելոք կլինեմ․․․
— Բոլոր երեխաներն էլ,— պատասխանեց Ջեպետտոն,— երբ ուզում են մի բան ստանալ, միշտ էլ այդպես են ասում։
— Խոսք եմ տալիս, որ դպրոց կգնամ, կսովորեմ և պատիվս կբարձրացնեմ․․․
— Բոլոր երեխաներն էլ, որոնք ուզում են որևէ բան ստանալ, կրկնում են այդ միևնույն բառերը։
— Բայց ես ուրիշ երեխաների նման չեմ, ես բոլորից էլ լավն եմ և երբեք սուտ չեմ խոսում։ Ես խոստանում եմ, հայրիկ, որ մի արհեստ կսովորեմ, ձեր ծերության ժամանակ կմխիթարեմ ձեզ ու նեցուկ կլինեմ։
Չնայած Ջեպետտոն բռնակալի նման երեսը մռայլել էր, բայց իր խեղճ Պինոքիոյին այդպիսի ցավալի վիճակում տեսնելով, հուզվեց, կարեկցությունից սիրտր փափկեց, այլևս ոչ մի բառ չպատասխանեց և, վերցնելով գործիքներն ու երկու կտոր չոր փայտ, առանց գլուխը վեր բարձրացնելու սկսեց աշխատել։
Մի ժամ էլ չէր անցել՝ ոտքերը պատրաստ վերջացրած էին. երկու բարակ, ժիր ու անհանգիստ ոտքեր, որոնց կարծես թե մարդու ձեռք կպած չլիներ։
Այն ժամանակ Ջեպետտոն բուրատինոյին ասաց.
— Փակիր աչքերդ ու քնի՛ր։
Պինոքիոն էլ աչքերը փակեց ու ձևացվեց, թե քնած է։ Եվ նրա քնած ձևանալու ժամանակ Ջեպետտոն վերցրեց մի քիչ հալած սոսինձ, լցրեց ձվի կճեպի մեջ ու երկու ոտքերն էլ այնպիսի վարպետությամբ կպցրեց իրենց տեղը, որ նույնիսկ չէր կարելի նկատել։
Հենց որ բուրատինոն տեսավ՝ ոտքեր ունի, ներքև ցատկեց սեղանից, որի վրա փռված էր, և սկսեց հազար ու մի ձևի թռչկոտել, ծուլի-ծուլի անել և այնպիսի օյիններ թափել, որ կարծես թե ուրախությունից խելագարվեց։
— Ինձ համար արած այդքան լավությունների տակից դուրս գալու համար,— ասաց Պինոքիոն հորը,— ուզում եմ հենց այս րոպեին դպրոց գնալ։
— Կեցցե՛ս, տղա՛ս։
— Բայց դպրոց գնալու համար ինձ հագուստ է պետք։
Ջեպետտոն, որն աղքատ էր և գրպանում ոչ մի կոպեկ չուներ, վերցրեց Պինոքիոյի շալվարն ու բլուզը գունավոր թղթից պատրաստեց, կոշիկները՝ ծառի կեղևից, իսկ գլխարկն էլ բոքոնի միջի խմորից։
Պինոքիոն անմիջապես վազեց լագանի ջրում իրեն նայելու և այնքան գոհ մնաց իր տեսքից, որ խունջիկ-մունջիկ գալով արտասանեց.
— Ուղղակի սինյորի եմ նմանվում։
— Այդ ճիշտ է,— վրա բերեց Զեպետտոն,— բայց մի մոռանա, որ ոչ թե գեղեցիկ հագուստն է սինյոր դարձնողը, այլ հագուստի մաքրությունը։
— Հա,— ավելացրեց Պինոքիոն,— դպրոց գնալու համար դեռ մի բան էլ է պակասում, որն ամենակարևորն է։
— Այսի՞նքն։
— Պակասում է Այբբենարանը։
— Ճիշտ ես ասում։ Ինչպե՞ս անենք, որ այդ էլ լինի։
— Այդ շատ հեշտ է. պետք է գնալ գրախանութ և գնել։
— Իսկ փո՞ղը․․․
— Ես փող չունեմ։
— Ես էլ չունեմ,— ավելացրեց բարի ծերուկը և տխրեց։
Ու Պինոքիոն, թեև մի անսահման ուրախ տղա էր, նույնպես՝ տխրեց, որովհետև իսկական աղքատությունը բոլորն են զգում, նույնիսկ երեխաները։
— Սպասի՜ր,— բացականչեց հանկարծ Ջեպետտոն և, ոտքի կանգնելով ու հագնելով իր հնացած պիջակր, որ ամբողջովին լցրած էր ու կարկատած, դուրս թռավ տանից։
Մի փոքր հետո նա վերադարձավ, ձեռքին բռնած տղայի համար գնած Այբբենարանը, բայց հագին այլևս պիջակ չկար։ Խեղճ մարդը մի տակ շապկի մեջ էր մնացել, իսկ դրսում ձյուն էր գալիս։
— Իսկ պիջա՞կը, հայրիկ։
— Ծախեցի։
— Ինչո՞ւ ծախեցիք։
— Որովհետև շոգում էի։
Պինոքիոն այդ պատասխանից անմիջապես գլխի ընկավ, թե բանն ինչումն է և, չկարողանալով այլևս զսպել սրտի հուզմունքը, վեր ցատկեց տեղից ու, ընկնելով Ջեպետտոյի վիզը, սկսեց նրա ամբողջ երեսը ծածկել համբույրներով։
IX. Պինոքիոն վաճառում է իր Այբբենարանը, որպեսզի գնա տիկնիկային թատրոն
Հենց որ ձյունը կտրեց, Պինոքիոն իր նոր Այբբենարանը թևի տակ դրած, բռնեց դպրոցի ճամփան։ Ճամփին նա իր փոքրիկ գլխով հազար ու մի դատողություններ էր անում, որոնք մեկը մյուսից պայծառ էին ու գեղեցիկ։
Այդպես իրեն-իրեն խոսելով նա ասում էր.
— Այսօր դպրոցում անմիջապես կսովորեմ կարդալ, վաղը՝ գրել, իսկ վաղը չէ մյուս օրը կսովորեմ հաշվել։ Հետո կսկսեմ փող վաստակել, և հենց ձեռք գցած առաջին փողով հորս համար անմիջապես մահուդից մի գեղեցիկ զգեստ կարել կտամ։ Բայց ի՞նչ եմ գլխիցս դուրս տալիս, թե մահուդից։ Ես նրա համար կտրել եմ տալու ամբողջապես ոսկուց ու արծաթից, ադամանդե կոճակներով։ Չէ՞ որ նա արժանի է դրան, որովհետև գրքեր գնելու և ինձ կրթության տալու համար այս ցրտերին մի տակ շապկի մեջ է մնացել։ Միայն հայրերն են ընդունակ այդպիսի զոհաբերությունների․․․
Նա դեռ այդպես ոգևորված խոսում էր ինքն իրեն, երբ հեռվից ինչ-որ դափ ու զուռնայի ձայն լսեց.
«Տո՛ւյ-տո՛ւյ-տո՛ւյ-տո՛ւյ-տո՛ւյ-տո՛ւյ․․․ Դը՛մ-դը՛մ-դը՛մ-դը՛մ»։
Կանգ առավ և սկսեց ականջ դնել։ Ձայնը գալիս էր մի շատ երկար փողոցի խորքից, որը տանում էր դեպի ծովեզրին կառուցված փոքրիկ գյուղը։
— Այս ի՞նչ երաժշտություն է։ Ափսո՜ս դպրոց եմ գնում, թե չէ․․․
Եվ մոլորվեց-մնաց տեղում կանգնած։ Համենայն դեպս, անհրաժեշտ էր մի բան որոշել, կամ գնալ դպրոց, կամ թե չէ գնալ զուռնա լսելու։
— Այսօր կգնամ զուռնա լսելու, իսկ վաղը՝ դպրոց։ Դպրոց գնալու համար միշտ էլ ժամանակ կլինի,— վերջապես ուսերը թոթվելով, ասաց այդ անպիտան չարաճճին։
Ասածն՝ արած էր. փողոցը կտրեց-անցավ և սկսեց վազել, ինչքան որ ուժ ունի։ Քանի վազում, այնքան պարզ էր լսում զուռնայի ձայնն ու դափի դմբդմբոցը.
«Տո՛ւյ-տո՛ւյ-տո՛ւյ-տո՛ւյ․․․ Դը՛մ-դը՛մ-դը՛մ-դըմ»։ Վերջապես հասավ հրապարակ, որտեղ մի մեծ բազմություն էր խռնվել փայտե և հազար ու մի գույնով ներկած բրեզենտե մեծ սրահի առաջ։
— Այն սրա՞հ է,— հարցրեց Պինոքիոն, դիմելով տեղացի մի փոքրիկ տղայի։
— Կարդա գրած հայտարարությունը՝ կիմանաս։
— Ես մեծ ուրախությամբ կկարդայի, բայց հատկապես այսօր դեռ կարդալ չգիտեմ։
— Կեցցե՜ս, դդում։ Այդ դեպքում ես կկարդամ։ Իմացիր, ուրեմն, որ այն ցուցանակի վրա՝ կրակի նման կարմիր տառերով գրված է.
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՄԵԾ ԹԱՏՐՈՆ
— Վաղո՞ւց է ներկայացումն սկսվել։
— Դեռ նոր է սկսվում։
— Իսկ տոմսն ի՞նչ արժի։
— Չորս սոլդո[3]։
Պինոքիոն, որի հետաքրքրությունը վառվել էր, կորցրեց վերջին համբերությունը և, առանց ամոթ զգալու, դիմեց իր հետ խոսող փոքրիկ տղային։
— Դու ինձ չորս սոլդո չե՞ս տա մինչև վաղը։
— Ես մեծ ուրախությամբ կտայի,— պատասխանեց մյուսը, ձեռք առնելով Պինոքիոյին,— բայց հատկապես այսօր չեմ կարող տալ։
— Ես իմ բլուզը չորս սոլդոյով կծախեմ քեզ,— ասաց այդ ժամանակ բուրատինոն։
— Ինչ է, դու ուզում ես, որ ես գունավոր թղթից բլո՞ւզ հագնեմ։ Եթե դրա վրա անձրև գա, էլ մեջքից պոկելու ճար կլինի՞։
— Կոշիկներս չե՞ս առնի։
— Նրանք լավ են վառելու համար։
— Ինչքա՞ն կտաս գլխարկիս։
— Մի շա՜տ մեծ բան է, էլի, բոքոնի միջի խմորից պատրաստած մի գլխարկ։ Այդ էր մնացել, որ մկները գային գլուխս կրծեին։
Պինոքիոյի ջանը ցեց էր ընկել։ Էն է հա՛, քիչ էր մնացել մի այլ առաջարկություն անի, բայց չէր համարձակվում. տատանվում էր, քրտնում, դողում, բայց վերջապես ասաց.
— Իմ այս նոր Այբբենարանին չորս սոլդո կտա՞ս։
— Ես երեխա եմ և երեխաներից բան չեմ գնում,— պատասխանեց փոքրիկ խոսակիցը, որը նրանից ավելի խելացի էր։
— Չորս սոլդոյով ես կգնեմ այդ Այբբենարանը,— գոչեց մեկը, որն զբաղվում էր օգտագործված իրերի առևտրով և ներկա էր այդ խոսակցությանը։ Եվ գիրքը իսկույն ևեթ ծախվեց-գնաց։ Մինչդեռ իր տղայի համար այդ Այբբենարանը գնելու պատճառով խեղճ Ջեպետտոն միտակ շապկի մեջ դողալով, մնացել էր տանը նստած։
X. Տիկնիկները ճանաչում են իրենց եղբայր Պինոքիոյին և հանդիսավոր ընդունում նրան։ Բայց այդ ցնծության պահին դուրս է գալիս մեծ տիկնիկ Մանջաֆոքոն, որի ներկայությունը վտանգ է սպառնում Պինոքիոյի կյանքին
Երբ Պինոքիոն ներս մտավ տիկնիկների թատրոնիկը, պատահեց մի դեպք, որը գրեթե հեղափոխություն առաջացրեց։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վարագույրն արդեն բարձրացել էր և կատակերգությունն էլ սկսվել։
Բեմի վրա գտնվում էին արդեն Առլեքինոն և Պուլչինելլան, որոնք կռվում էին իրար հետ և, սովորականի համաձայն, րոպե առ րոպե սպառնում տուր ու դմբոցի անցնել։
Պարտերում նստած հանդիսատեսները մեծ ուշադրությամբ լսելով այդ երկու տիկնիկների կռիվը, ծիծաղից թուլանում էին։ Նրանք յուրաքանչյուր բառն այնքան բնական շարժ ու ձևերով էին արտահայտում, որ կարծես թե ուղղակի երկու սովորական մարդ լինեին։
Հանկարծ Առլեքինոն ընդհատվեց իր դերը, շրջվեց դեպի հանդիսատեսները և, ձեռքով անելով պարտերի խորքում ինչ-որ մեկին, սկսեց գոչել բուռն ոգևորությամբ։
— Երկնային աստվածնե՛ր. երա՞զ է այս, թե իրականություն․․․ Ինչ ուզում եք ասեք, այն ներքևինը Պինոքիո՜ն է․․․
— Իսկապես որ Պինոքիո՜ն է,— բացականչեց Պուլչինելլան։
— Նա ի՛նքն է որ կա,— ծղրտաց սինյորա Ռոզաուրան, հայտնվելով բեմի խորքից ու անմիջապես անհայտանալով։
— Պինո՛քիոն է, Պինո՛քիոն է,— բացականչեցին խմբով բոլոր տիկնիկները, դուրս թռչելով բեմի ետևից։
— Պինոքիոն է, մեր եղբայր Պինոքիոն, կեցցե՜ Պինոքիոն․․․
— Պինո՛քիո, եկ վերև, ինձ մոտ,— բացականչեց Առլեքինոն,— ե՛կ, մի քեզ գցիր քո փայտյա եղբայրների գիրկը։
Այդ սրտագին հրավերքր լսելով, Պինոքիոն մի թռիչք գործեց, պարտերից ընկավ առաջին շարքը, այնուհետև մի այլ թռիչքով ընկավ դիրիժորի գլխին և այնտեղից էլ ցատկեց բեմ։
Անհնար է պատկերացնել այն գրկախառնությունները, իրար վզով փաթաթվելը, բարեկամական այն կսմթոցներն ու անկեղծ եղբայրական ողջագուրանքը, որոնց Պինոքիոն արժանացավ այդ թատերական խմբակի դերասանների և դերասանուհիների կողմից։
Այդ տեսարանը շատ հուզիչ էր, դրանում խոսք չկա, բայց թատրոնի հանդիսատեսները, նկատելով, որ կոմեդիան այլևս առաջ չի գնում, համբերությունից դուրս եկան ու սկսեցին գոռգոռալ.
— Մենք կոմեդիա ենք ուզում, մենք կոմեդիա ենք ուզում։
Ասած-չասած՝ մեկ էր, որովհետև տիկնիկները դերակատարությունը շարունակելու փոխարեն կրկնապատկեցին աղմուկն ու աղաղակը և Պինոքիոյին իրենց ուսերին դրած, հաղթական բերին-հանեցին լուսավորված նախաբեմը։
Այդ ժամանակ դուրս եկավ տիկնիկային թատրոնի տերը, մի այնպիսի զարհուրելի հսկայի մեկը, որին նայելիս անգամ՝ մարդ սարսափում էր։ Նա մի ահռելի սև մորուք ուներ, որը կարծես թե թանաքի լաքա լիներ և այն էլ այնքան երկար, որ կզակից մինչև գետին էր հասնում, բավական է ասել, որ քայլելու ժամանակ մորուքը ոտքերի տակն էր ընկնում։ Բերանն այնքան լայն էր, որ կարծես թե ջվալ լիներ, աչքերը կարծես երկու վառած կարմիր ապակի ունեցող լապտերներ լինեին, ձեռքին էլ օձից ու աղվեսի պոչից հյուսած մի մեծ խարազան էր բռնել, որով աջ ու ձախ հարվածներ էր հասցնում։
Թատրոնատիրոջ անսպասելի հայտնվելուն պես բոլորը ձայն-ծպտուն կտրեցին։ Ճանճի տզզոցն անգամ կարելի էր լսել։ Խեղճ տիկնիկները, արական թե իգական, բոլորն էլ տերևի նման դողում էին։
— Ինչո՞ւ ես եկել իմ թատրոնը խառնակություն գցել,— հարցրեց Պինոքիոյին թատրոնի տերը՝ մրսելուց հարբուխ ընկած հրեշի ձայնով։
— Հավատացեք, ձերդ պայծառափայլություն, որ հանցանքը իմս չէ։
— Բավական է առայժմ, մեր հաշիվներն այսօր երեկոյան կմաքրենք։
Եվ իրոք, կոմեդիան վերջանալուց հետո, տիկնիկների թատրոնատերը գնաց խոհանոց, որտեղ ընթրիքի համար մի լավ ոչխար էին պատրաստել ու շամփուրին խրած, դանդաղ շուռ ու մուռ էին տալիս։ Եվ որովհետև խորովելու և մի լավ կարմրացնելու համար փայտը չէր բավականացնում, ուստի կանչեց Առլեքինոյին ու Պուլչինելլային և ասաց նրանց.
— Ապա մի ինձ մոտ բերեք այն բուրատինոյին, որը կապած է մեխից։ Ինձ թվում է, որ նա հրաշալի չորացած փայտից պատրաստած բուրատինո է և, եթե կրակը գցենք, շատ լավ բոց կտա խորոված անելու համար։
Առլեքինոն ու Պուչինելլան սկզբից տատանվեցին, բայց սարսափած իրենց տիրոջ հայացքից, ստիպված եղան ենթարկվել։ Եվ մի փոքր հետո վերադարձան խոհանոց, ձեռքերի վրա բերելով խեղճ Պինոքիոյին, որը կծիկ-կծիկ էր գալիս՝ ցամաք նետված օձաձկան պես և հուսահատությամբ ճչում.
— Հայրի՛կ, ազատեցեք ինձ, ես չեմ ուզում մեռնե՜լ, չեմ ուզում մեռնե՜լ․․․
XI. Մանջաֆոքոն փռշտում է և ներում Պինոքիոյին, որը հետագայում մահից պաշտպանում է իր բարեկամ Առլեքինոյին
Տիկնիկների թատրոնատեր Մանջաֆոքոն (այդպես էր նրա անունը) սարսափելի մարդ էր թվում, անշուշտ, հատկապես գոգնոցի նմանվող իր ահռելի սև մորուքի պատճառով, որը ծածկում էր նրա ողջ կուրծքն ու ոտքերը, բայց իսկապես սրտով վատ մարդ չէր։ Այդ ապացուցվում է թեկուզ նրանով, որ երբ նա տեսավ խեղճ Պինոքիոյին, որը քացի-քացի էր անում և ամեն կերպ դիմադրում, ճղղալով՝ «ես չեմ ուզում մեռնե՜լ, ես չեմ ուզում մեռնե՜լ», սկսեց անմիջապես հուզվել ու խղճահարվել և բավական ժամանակ իրեն զսպելուց հետո, վերջապես այլևս չդիմացավ և խիստ բարձրաձայն փռշտաց։
Այդ փռշտոցի վրա Առլեքինոն, որը մինչ այդ շատ տխուր էր և գլուխը լալկան ուռենու նման կախ էր գցել, հանկարծ ուրախացավ և, թեքվելով դեպի Պինոքիոն, շշնջաց հազիվ լսելի ձայնով.
— Վերջը բարի է լինելու, ախպերս։ Թատրոնի տերը փռշտաց, իսկ այդ գթասրտության նշան է։ Այժմ դու փրկված ես։
Հայտնի է, որ առհասարակ մարդիկ մեկին խղճալիս կամ լաց են լինում, կամ գոնե ձևացնում, թե իբր լաց են լինում։ Մինչդեռ Մանջաֆոքոն, ընդհակառակը, սովորություն ուներ ամեն անգամ խղճահարվելիս փռշտալ։ Այդ էլ նրա զգացմունքներն արտահայտելու ձևն էր։
Փռշտալուց հետո տիկնիկների թատրոնատերը շարունակեց մռայլվել ու բղավեց Պինոքիոյի վրա.
— Վե՛րջ տուր տզզալուդ։ Քո լաց ու կոծը ստամոքսս էլ հետն է ճմլում․․․ Ես այնպիսի ջղաձգություններ եմ զգում, որ գրեթե․․․ հա՛փչի, հա՛փչի,— և երկու անգամ ևս փռշտաց։
— Առողջությո՛ւն, — ասաց Պինոքիոն։
— Շնորհակալ եմ։ Իսկ հայրդ ու մայրդ դեռ կենդանի՞ են,— հարցրեց Մանջաֆոքոն։
— Հայրս, այո՛, բայց մոր երես չեմ տեսել։
— Ո՞վ գիտե ինչպիսի վիշտ կարող էր լինել ծերուկ հորդ համար, եթե հիմա քեզ գցել տայի այդ թեժ կրակը։ Խե՜ղճ ծերունի, կարեկցում եմ նրան․․․ հա՛փչի, հա՛փչի, հա՛փչի,— և փռշտաց երեք անգամ ևս։
— Առողջությո՛ւն,— ասաց Պինոքիոն։
— Շնորհակալ եմ։ Բայց, վերջապես, ինձ էլ է հարկավոր խղճալ, որովհետև, ինչպես տեսնում ես, այլևս փայտ չունեմ այս ոչխարի խորովածը վերջացնելու համար, իսկ դու, ճիշտ եմ ասում, այս դեպքում գործս շատ հեշտացրած կլինեիր։ Բայց այժմ արդեն մեղքս գալիս ես, պետք է համբերել։ Քո փոխարեն իմ թատերախմբից մի այլ տիկնիկի կրակը կգցեմ զենքի ուժով՝ խորվածն անելու համար․․․ Է՜յ, ոստիկաննե՛ր։
Այդ հրամանը լսելուն պես, իսկույն հայտնվեցին երկու լողլող ու ցամաքած ոստիկաններ, եռանկյունաձև գլխարկները գլխներին, մերկացրած թրերը ձեռքներին բռնած։
Այն ժամանակ թատրոնի տերը ասաց նրանց խռպոտ ձայնով.
— Բռնեցե՛ք էն Առլեքինոյին, մի լավ կապեք և հետո գցեք կրակը թող այրվի։ Ես ուզում եմ, որ իմ ոչխարը մի լավ խորովվի։
Պատկերացրեք խեղճ Առլեքինոյին. այնքան մեծ էր նրա սարսափը, որ ոտքերը տակին ծալվեցին և երեսի վրա ընկավ գետնին։
Պինոքիոն, տեսնելով այդ սիրտ կտրատող տեսարանը, ընկավ թատրոնատիրոջ ոտքերը և, ճղղալով ու արցունքներով ողողելով նրա այնքան երկար մորուքի յուրաքանչյուր մազը, խնդրեց աղերսալից ձայնով.
— Խղճացե՜ք, սինյոր Մանջաֆոքո․․․
— Այստեղ սինյորներ չկան,— կոպտորեն պատասխանեց թատրոնատերը։
— Խղճացե՜ք, սինյոր ասպետ․․․
— Այստեղ ասպետներ չկան։
— Խղճացե՜ք, սինյոր կոմանդոր․․․
— Այստեղ կոմանդորներ չկան։
— Խղճացե՜ք, ձերդ գերազանցություն․․․
«Ձերդ գերազանցություն»-ը լսելով, թատրոնատերն անմիջապես շուրթերը կծկեց և, վայրկենապես դառնալով ավելի սիրալիր ու զիջողամիտ, ասաց Պինոքիոյին.
— Է, լավ, ի՞նչ ես ուզում ինձանից։
— Ես ձեզանից ներում եմ խնդրում խեղճ Առլեքինոյի համար։
— Այստեղ ներման մասին խոսք լինել չի կարող։ Եթե քեզ խնայեցի, նշանակում է՝ անհրաժեշտ է նրան կրակը գցել, որովհետև ես ուզում եմ, որ իմ ոչխարը մի լավ խորովվի։
— Այդ դեպքում,— գոռաց հպարտորեն Պինոքիոն, վեր ձգվելով և մի կողմ նետելով բոքոնի միջի խմորից պատրաստած գլխարկը,— այդ դեպքում իմ պարտականությունն ինձ հայտնի է։ Համեցե՛ք, սինյոր ոստիկաննե՛ր. ինձ կապեցե՛ք և գցե՛ք բոցերի մեջ։ Ո՛չ, ճիշտ չէ, որ խեղճ Առլեքինոն, իմ հավատարիմ բարեկամը, մեռնի իմ փոխարեն․․․
Բարձրաձայն ու հերոսաբար արտասանած այդ բառերը լացացրին տեսարանին ներկա գտնվող բոլոր տիկնիկներին։ Անգամ ոստիկանները, որոնք թեկուզ և փայտից էին, բայց նույնպես արտասվեցին երկու կաթնակեր գառնուկների նման։
Մանջաֆոքոն սկզբում մնաց դաժան և սառույցի պես անզգա, բայց հետո նա ևս կամաց-կամաց սկսեց փափկել ու փռշտալ։ Եվ չորս թե հինգ անգամ փռշտալուց հետո, տարածեց թևերն ու զգացված ասաց Պինոքիոյին.
— Դու մի հրաշալի, քաջ տղա ես։ Եկ ինձ մոտ և թող քեզ համբուրեմ։
Պինոքիոն անմիջապես վազեց, և մագլցելով սկյուռի նման, բարձրացավ թատրոնատիրոջ մորուքի վրայով ու մի պինդ համբուրեց նրա քթի ծայրը։
— Ուրեմն ներո՞ւմ եք,— հարցրեց խեղճ Առլեքինոն բարակ ու հազիվ լսելի ձայնով։
— Ներում եմ,— պատասխանեց Մանջաֆոքոն և իսկույն ևեթ ավելացրեց՝ հոգոց քաշելով ու գլուխն օրորելով.— Լա՛վ, այս երեկո թող ես ոչխարը կիսաեփ ուտեմ, բայց մյուս անգամ՝ վա՜յ նրան, ով ձեռքս կընկնի․․․
Ներման լուրի վրա տիկնիկները վազեցին բեմ, և վառելով բոլոր լույսերն ու ջահերը, ինչպես հանդիսավոր երեկոներին, սկսեցին թռչկոտել ու պար գալ։ Լուսաբաց էր, իսկ նրանք դեռ պարում էին։
XII. Թատրոնատեր Մանջաֆոքոն Պինոքիոյին նվիրում է հինգ ոսկեդրամ, որպեսզի նա տանի իր հայր Ջեպետտոյին։ Բայց Պինոքիոն, խաբվելով աղվեսից ու կատվից, ընկնում է նրանց խելքին և հետները գնում
Հաջորդ օրը Մանջաֆոքոն մի կողմ կանչեց Պինոքիոյին և հարցրեց.
— Քո հոր անունն ի՞նչ է։
— Ջեպետտո։
— Իսկ ի՞նչ արհեստով է զբաղվում։
— Չքավոր է։
— Շա՞տ է վաստակում։
— Վաստակում է այնքան, որքան մեզ հարկավոր է, որպեսզի երբեք ոչ մի չենտեզիմո[4] չունենանք մեր գրպանում։ Պատկերացրիր, որ ինձ դպրոցական Այբբենարան գնելու համար ստիպված եղավ վաճառել իր հագի միակ պիջակը. մի պիջակ, որ հացից էլ վրան կարկատան ուներ։
— Խեղ՜ճ մարդ, մեղքս գալիս է նրան։ Առ այս հինգ ոսկեդրամը և իսկույն տար տուր նրան, իսկ իմ կողմից էլ մի լավ բարևիր։
Պինոքիոն, ինչպես դժվար չէ այդ պատկերացնել, հազար անգամ շնորհակալություն հայտնեց թատրոնատիրոջը, մեկ առ մեկ գրկեց թատերախմբի բոլոր տիկնիկներին, նույնիսկ ոստիկաններին, և ուրախությունից խելքը թռցրած, ճամփա ընկավ՝ տուն վերադառնալու համար։
Բայց դեռ մի կես կիլոմետր էլ չէր անցել, երբ ճանապարհին հանդիպեց ոտքից կաղ մի Աղվեսի և մի Կատվի, որը երկու աչքից էլ կույր էր։ Նրանք կամաց-կամաց գնում էին, օգնելով մեկը մյուսին, ինչպես ձախորդության մեջ ընկած ընկերներ։ Աղվեսը, որ կաղ էր, քայլում էր, հենվելով Կատվին, իսկ կույր Կատվին էլ առաջնորդում էր Աղվեսը։
— Բարի օր, Պինոքիո, — ասաց Աղվեսը, խորին հարգանքով ողջունելով։
— Այդ որտեղի՞ց գիտես իմ անունը։
— Ես քո հորը լավ ճանաչում եմ։
— Որտե՞ղ ես տեսել նրան։
— Ես նրան երեկ տեսա ձեր տան դռանը։
— Իսկ ի՞նչ էր անում։
— Մի տակ շապկի մեջ կանգնած՝ ցրտից դողում էր։
— Խե՜ղճ հայր․․․ Բայց, եթե Աստված կամենում է, այսօրվանից էլ չի՛ դողա․․․
— Ինչո՞ւ։
— Որովհետև ես հարուստ, մարդ եմ դառել։
— Դու՝ հարուստ մա՞րդ,— ասաց Աղվեսն ու սկսեց անպատկառ ծիծաղել։ Կատուն էլ իր հերթին էր ծիծաղում, բայց, այդ բանը ցույց չտալու համար, առջևի թաթերով բեղերն էր սղալում։
— Այստեղ ծիծաղելու բան չկա՛,– բղավեց Պինոքիոն, վիրավորված։— Ես չեմ ուզում այնպես անել, որ ձեր փսլինքը գնա, բայց ահա, եթե դուք սրանցից որևէ բան հասկանում եք, տեսեք հինգ հրաշալի ոսկեդրամ։
Եվ հանեց Մանջաֆոքոյի նվիրած ոսկեդրամները։
Այդ դրամների հաճելի ծնգծնգոցը լսելիս՝ Աղվեսը ակամա շարժումով երկարացրեց իր գունդ ու կծիկ եկած ոտքը, իսկ Կատուն էլ չռեց աչքերը, որոնք կարծես երկու կանաչ լապտերներ լինեին, բայց իսկույն էլ նորից խփեց այնպիսի վարպետությամբ, որ Պինոքիոն ոչինչ չնկատեց։
— Իսկ հիմա,— հարցրեց նրան Աղվեսը,— ի՞նչ ես ուզում անել այդ դրամներով։
— Նախ և առաջ,— պատասխանեց բուրատինոն,— մի լավ պիջակ եմ ուզում գնել հորս համար, որը ոսկուց ու արծաթից լինի, իսկ կոճակներն էլ՝ ադամանդից։ Հետո էլ ուզում եմ մի Այբբենարան գնել ինձ համար։
— Քեզ համա՞ր։
— Իհարկե, որովհետև ուզում եմ դպրոց գնալ և ինչպես հարկն է սովորել։
— Ինձ տեսնո՞ւմ ես,— ասաց Աղվեսը,— սովորելու եռանդիս պատճառով եմ ոտքիս մեկը կորցրել։
— Ինձ տեսնո՞ւմ ես,— ասաց Կատուն,— սովորելու եռանդիս պատճառով եմ աչքի լույսից զրկվել։
Այդ պահին մի ճերմակ Կեռնեխ, որը նստած էր փողոցի ցանկապատի վրա, իր սովորական ձևով ասաց.
— Պինո՛քիո, ուշադրություն մի դարձրու վատ ընկերների խորհուրդներին, թե չէ կփոշմանես։
Խե՜ղճ Կեռնեխ, երանի բոլորովին էլ ասած չլիներ. Կատուն, ուժեղ մի ցատկոցով ընկավ նրա գլխին և, նույնիսկ հնարավորություն չտալով «օ՜ֆ» ասելու, մի բերան արեց ու փետուրներով կուլ տվեց Կեռնեխին։
Հենց որ կերավ ու բերանը սրբեց, նորից փակեց աչքերը և սկսեց կույր ձևանալ, ինչպես որ առաջ էր։
— Խե՜ղճ Կեռնեխ,— ասաց Պինոքիոն Կատվին,— ինչո՞ւ այդպես վատ վարվեցիր նրա հետ։
— Այդ ես նրան դաս տալու համար այդպես արի։ Թող սովորի, որ մյուս անգամ քիթը ուրիշների գործի մեջ չխոթի։
Ճանապարհի կեսից ավելին էին անցել, երբ Աղվեսն անսպասելի կանգ առավ և ասաց Պինոքիոյին.
— Ուզո՞ւմ ես քո ոսկեդրամները կրկնապատկել։
— Այսի՞նքն։
— Ուզո՞ւմ ես այդ հինգ չնչին ոսկիները դարձնել հարյուր, հազար, երկու հազար հատ։
— Ասենք թե ուզում եմ, բայց ինչպե՞ս։
— Թե ինչպես՝ այդ շատ հեշտ է։ Ձեր տուն վերադառնալու փոխարեն դու պետք է գաս մեզ հետ։
— Իսկ ո՞ւր եք ուզում տանել ինձ։
— Հիմարների Աշխարհը։
Պինոքիոն մի փոքր մտածեց ու որոշակիորեն ասաց.
— Չէ, չեմ ուզում գալ։ Արդեն մոտ եմ տանը, ուզում եմ տուն գնալ, այնտեղ հայրս ինձ սպասում է։ Ով գիտե, խեղճ ծերունին երեկ ինչքան է ախ ու վախ արել իմ չվերադառնալու համար։ Դժբախտաբար ես վատ տղա եմ, և Խոսող Ծղրիդն իրավացի էր, երբ ասում էր, որ չլսող երեխաները կյանքում հաջողություն ունենալ չեն կարող։ Եվ ես այդ փորձել եմ իմ վրա, որովհետև մի քանի անգամ ընկել եմ դժբախտության մեջ, նույնիսկ երեկ երեկոյան Մանջաֆոքոյի տանը հազիվ վտանգից պրծա․․․ Ամա՜ն․․․ այդ մասին նույնիսկ հիշելիս մարմինս փշաքաղվում է։
— Ուրեմն,— ասաց Աղվեսը,— ուզում ես ուղղակի տո՞ւն գնալ։ Այդ դեպքում՝ գնա, խնդրեմ, քեզ համար է վատ։
— Քեզ համար է վատ,— կրկնեց Կատուն։
— Լավ մտածիր, Պինոքիո, որովհետև, դու քո բախտին քար ես գցում։
— Քո բախտին,— կրկնեց Կատուն։
— Քո հինգ ոսկին այսօրվանից մինչև վաղը երկու հազար կդառնա։
— Երկու հազար,— կրկնեց Կատուն։
— Բայց իսկի հնարավո՞ր է, որ այդքան շատանա,— հարցրեց Պինոքիոն՝ զարմանքից բերանը բաց արած։
— Այս րոպեին քեզ կբացատրեմ,— ասաց Աղվեսը։— Պետք է իմանալ, որ Հիմարների Աշխարհում մի օրհնված դաշտ կա, որին բոլորն էլ Հրաշքների Դաշտ են կոչում։ Այդ դաշտում դու մի փոքրիկ փոս ես անում և մեջը, օրինակի համար, մի ոսկի ես դնում։ Հետո այդ փոսի բերանը մի քիչ հողով ծածկում ես, վրան երկու դույլ շատրվանի ջուր ես ցանում, մի պտղունց աղ գցում ու երեկոյան հանգիստ պառկում ես քնելու։ Գիշերվա ընթացքում այդ մի ոսկին ծլում է, փթթում, իսկ հաջորդ առավոտ, տեղից վեր կենալու ժամանակ, գնում ես այդ դաշտը և ի՜նչ տեսնում․․․ մի լավ ծառ, որի վրա այնքան ոսկի կա, որքան ցորենի հատիկներ կարող են լինել հունիս ամսին մի հասկի մեջ։
— Ուրեմն,— հարցրեց Պինոքիոն զարմանքից դեռ ապշած,— եթե ես այդ դաշտում իմ հինգ ոսկին էլ թաղեմ, հաջորդ առավոտյան քանի՞ ոսկի կգտնեմ։
— Այդ հաշվելը շատ հեշտ է,— պատասխանեց Աղվեսը,— կարելի է մատների վրա հաշվել։ Հենց իմանանք քո ամեն մի ոսկին մի ճութ է տալիս, որի վրա հինգ հարյուր ոսկի կա. հինգ հարյուրը բազմապատկիր հինգով, և հաջորդ առավոտ դու քո գրպանում կգտնես երկու հազար հինգ հարյուր զնգզնգան ոսկի։
— Այդ ինչ լավ բան է,— բացականչեց Պինոքիոն, ուրախությունից թռչկոտելով։— Հենց որ այդքան ոսկիները հավաքեմ-պրծնեմ, դրանցից երկու հազարը կվերցնեմ ինձ, իսկ մնացած հինգ հարյուրը կնվիրեմ ձեր երկուսին։
— Մե՞զ կնվիրես,— բղավեց Աղվեսը զայրացած ու վիրավորված։— Աստվա՜ծ ազատի։
— Աստված ազատի,— կրկնեց Կատուն։
— Մենք,— շարունակեց Աղվեսը,— մենք ծառայում ենք ոչ թե հարստանալու ստոր նպատակներին, այլ ուրիշներին հարստացնելու ազնիվ նպատակին։
— Ուրիշների՛ն,— կրկնեց Կատուն։
«Ի՜նչ հրաշալի անձնավորություններ են»,— մտածեց ինքն իրեն Պինոքիոն և մի րոպե մոռանալով հոր նոր պիջակի, Այբբենարանի ու բոլոր տեսակի ցանկությունների մասին, ասաց Աղվեսին ու Կատվին.
— Խնդրեմ, եկեք գնանք, ես գալիս եմ ձեզ հետ։
XIII. «Կարմիր Խեցգետին» պանդոկը
Գնացի՜ն, գնացին, վերջապես իրիկնապահին հոգնած ու ջարդված հասան «Կարմիր Խեցգետին» պանդոկը։
— Եկեք այստեղ մի փոքր կանգ առնենք,— ասաց Աղվեսը,— այնքան, որ մի բան ուտենք ու մի քիչ էլ հանգստանանք։ Այնուհետև գիշերվա կեսին նորից ճամփա կընկնենք, որպեսզի վաղը լուսաբացին հասնենք Հրաշքների Դաշտ։
Պանդոկ մտնելուն պես երեքն էլ սեղան նստեցին, բայց ոչ մեկն էլ ախորժակ չուներ։
Խեղճ Կատուն իր ստամոքսի սոսկալի վատառողջության պատճառյով ոչինչ ուտել չկարողացավ, բացի մի երեսունհինգ լոլիկով պատրաստված ձկից ու մի չորս բաժին պանրի հետ պատրաստած սիրտ ու թոքից։ Բայց որովհետև նրան թվաց, որ սիրտ ու թոքը այնպես համեմած չէ, ինչպես հարկն է, ուստի խնդրեց երեք անգամ պանրով ցանած կարագ կրկնել։
Աղվեսը նույնպես մեծ ուրախությամբ մի լավ փորը կլցներ, բայց որովհետև բժիշկը նրան խիստ դիետա էր նշանակել, ուստի ստիպված եղավ բավարարվել միայն մի չաղլիկ ու համեղ նապաստակով ու մի թեթև՝ յուղոտ վառեկներից և դեռ ծուղրուղու չասած աքլորներից պատրաստած խավարտով։ Նապաստակից հետո էլ ախորժակը գրգռելու համար բերել տվեց կաքավից, ճագարից, գորտից, մողեսից ու եդեմական ձվից պատրաստած խառը մի կերակուր։ Դրանից հետո ոչ մի բան չուզեց։
— Ճաշից այնքան եմ զզվել,— ասաց նա,— որ ոչինչ չեմ կարողանում բերանիս մոտեցնել։
Ամենից քիչ ուտողը Պինոքիոն եղավ։ Նա մի պճեղ ընկույզ խնդրեց, մի պատառ էլ հաց և բոլորն էլ թողեց՝ ափսեի մեջ։ Խեղճ տղան այնպես էր տարվել Հրաշքների Դաշտի հետ կապված մտքերով, որ իր երևակայած ոսկե սարերից ախորժակը նախապես փակվել էր։
Ընթրիքը վերջացնելուց հետո Աղվեսն ասաց պանդոկատիրոջը.
— Մեզ երկու լավ սենյակ տվեք, մեկը սինյոր Պինոքիոյի համար, իսկ մյուսը ինձ ու ընկերոջս։ Մինչև նորից ճանապարհ ընկնելը աչքներս մի փոքր կպցնենք։ Բայց չմոռանաք մեզ գիշերվա կեսին արթնացնել մեր ճանապարհը շարունակելու համար։
— Աչքիս վրա, սինյորներ,— պատասխանեց պանդոկապետը և աչքով արեց Աղվեսին ու Կատվին, կարծես թե ասելով. «Ամեն ինչ պարզ է, գնացեք հանգիստ քնեք․․․»։
Հենց որ Պինոքիոն մտավ անկողին, իսկույն քնեց ու սկսեց երազ տեսնել։ Երազի մեջ նրան թվում էր, որ ինքը մի դաշտ է ընկել՝ լիքը փոքրիկ ծառերով, որոնք ծանրաբեռնված են ոսկեդրամներից կազմված ճութերով, և սրանք էլ քամու օրորելուց զնգզնգում են, կարծես թե ասելով. «Ով ուզում է, թող գա մեզ քաղի»։ Բայց երբ Պինոքիոն երազի ամենալավ տեղն էր, ձեռքը պարզեց, որպեսզի այդ դրամները բուռը լցնի ու դնի գրպանը, հանկարծ արթնացավ դռանը հասցված երեք ուժգին հարվածներից։
Այդ պանդոկապետն էր, որ եկել էր նրան ասելու, թե կեսգիշերվա ժամն արդեն խփել է։
— Իսկ ընկերներս արդեն պատրա՞ստ են,— հարցրեց նրան բուրատինոն։
— Պատրաստ լինելուց դեռ մի բան էլ ավելի են. երկու ժամ է, ինչ գնացել են։
— Ինչո՞ւ այդպես շտապ։
— Որովհետև Կատուն լուր ստացավ, որ իր անդրանիկ ձագը, որի ոտքերը ցրտահարված էին, վտանգի մեջ է։
— Իսկ ընթրիքի համար վճարեցի՞ն։
— Ի՜նչ եք ասում։ Մի՞թե նրանք այնքան անկիրթ էին, որ թույլ տային իրենց այդպիսի վիրավորանք հասցնել ձեզ նման պատվավոր սինյորի անձին։
— Ափսո՜ս. այդպիսի վիրավորանքն ինձ մեծ հաճույք կպատճառեր,— գլուխը քորելով ասաց Պինոքիոն։ Եվ հետո հարցրեց.
— Իսկ այդ լավ բարեկամները չասացի՞ն, թե որտեղ կսպասեն ինձ։
— Հրաշքների դաշտում, վաղը առավոտյան լուսաբացին։
Պինոքիոն վճարեց մի ոսկեդրամ իր և իր ընկերների ընթրիքի համար ու ճամփա ընկավ։
Բայց կարելի է ասել, որ նա առաջ էր գնում խարխափելով, որովհետև դրսում այնպես մութ էր, որ մի քայլ դենը ոչինչ չէր երևում։ Գյուղի շրջակայքում նույնիսկ տերևի խշշոց չէր լսվում։ Միայն մի քանի գիշերային թռչուններ փողոցի մի կողմի ցանկապատից մյուսին թռչելիս, թևերով կպչում էին Պինոքիոյի քթին, իսկ սա վախից ետ թռչելով, գոռում էր.
— Այդ ո՞վ է։— Եվ շրջապատի բլուրները հեռվում արձագանքում էին.
— Այդ ո՞վ է, այդ ո՞վ է, այդ ո՞վ է։
Հանկարծ Պինոքիոն ծառի կոճղի վրա մի փոքրիկ կենդանի տեսավ, որը գունատ ու թույլ կերպով լույս էր տալիս, կարծես թե հախճապակյա լապտերի մեջ դրած գիշերային լույս լիներ։
— Ո՞վ ես,— հարցրեց նրան Պինոքիոն։
— Ես Խոտող Ծղրիդի ուրվականն եմ,— պատասխանեց փոքրիկ կենդանին այնպիսի մի թույլ ու բարակ ձայնով, որը կարծես գերեզմանից էր դուրս գալիս։
— Ի՞նչ ես ուզում ինձանից,— հարցրեց բուրատինոն։
— Ես ուզում եմ մի խորհուրդ տալ քեզ։ Վերադարձիր և ետ տար մնացած չորս ոսկին ու տուր հորդ, որը լաց է լինում ու տանջվում՝ քեզ չգտնելու պատճառով։
— Վաղը իմ հայրը հարուստ մարդ է դառնալու։
— Մի՛ հավատա նրանց, ովքեր խոսք են տալիս քեզ մի օրվա մեջ հարստացնել։ Այդպիսի մարդիկ սովորաբար կամ խելագարներ են լինում, կամ խաբեբաներ։ Լսիր ինձ և վերադարձիր։
— Իսկ ես, ընդհակառակը, ուզում եմ առաջ գնալ։
— Ուշ է։
— Պիտի գնամ։
— Գիշերը մութ է։
— Պիտի գնամ։
— Ճանապարհը վտանգավոր է։
— Պիտի գնամ։
— Լա՛վ հիշիր, որ այն երեխաները, որոնք կողքի են ընկնում ու կամակորությամբ իրենց ասածն անում, վաղ թե ուշ փոշմանում են։
— Է-է-է՜, էլի միևնույն պատմությունն է սկսվում։ Բարի գիշեր, Ծղրի՛դ։
— Բարի գիշեր, Պինոքիո, և թող Աստված հեռու պահի քեզ փորձանքից ու ավազակներից։
Այս վերջին բառերն ասելուց անմիջապես հետո Խոսող Ծղրիդը վայրկենապես հանգավ, ինչպես հանգչում է լույսը, երբ այն փչում են, և փողոցը մթնեց ավելի, քան առաջ էր։
XIV. Պինոքիոն Խոսող Ծղրիդի բարի խորհուրդները չլսելու պատճառով ընկնում է ավազակների ձեռքը
— Իսկապես որ,— ասաց ինքն իրեն բուրատինոն, շարունակելով ճանապարհը,— մենք, խեղճ երեխաներս, դժբախտ ենք։ Բոլորը մեզ վրա բարկանում են, բոլորը նկատողություն են անում, խորհուրդներ տալիս։ Որ թողնես, գլխիդ հայր ու ուսուցիչ կդառնան, նույնիսկ Խոսող Ծղրիդները։ Ահա թե ինչու ուշադրություն չդարձրի այդ ձանձրալի Ծղրիդի վրա։ Նրա կարծիքով ո՛վ գիտե քանի դժբախտություն է պատահելու ինձ։ Ավազակների՜ պիտի հանդիպեմ։ Դեռ լավ է, որ ես ավազակների գոյությանը չեմ հավատում և, առհասարակ, երբեք էլ չեմ հավատացել։ Ինձ հարցնես, այդ ավազակներին մեր հայրերն են դիտավորյալ հնարել, որպեսզի երեխաներին գիշերները փողոց դուրս գալու դեպքում վախեցնեն։ Եվ եթե ես նրանց նույնիսկ այս փողոցում տեսնեի, կարծես թե բանի տեղ պիտի դնեի՜։ Ո՛չ մի դեպքում։ Ուղղակի առաջ կգնայի ու կբղավեի. «Ի՞նչ են ուզում ինձնից սինյոր ավազակները։ Թող նրանք չմոռանան, որ ինձ հետ կատակ անել չի կարելի և, հետևապես, թող գնան իրենց գործին ու վե՛րջ»։ Լուրջ արտասանած այս ճարտար բառերը լսելիս, ինձ թվում է, այդ ողորմելի ավազակները քամուց արագ կսլանային։ Իսկ եթե այնքան անդաստիարակ լինեին, որ չկամենային սլանալ, այն դեպքում ես ինքս կսլանայի ու այդպիսով ամեն ինչ կվերջացնեի․․․
Բայց Պինոքիոն չկարողացավ վերջացնել իր դատողությունները, որովհետև հենց այդ րոպեին ետևում լսեց տերևների մի թեթև խշշոց։
Շուռ եկավ նայելու և խավարի մեջ տեսավ երկու սև, ահագին կերպարանք, որոնք ամբողջապես փաթաթված ածուխի երկու պարկերի մեջ, վազում էին իր ետևից, ոտքերի թաթերի վրա, հսկայական քայլերով, ասես թե ուրվականներ լինեին։
— Իսկապես, ահա և նրանք,— ասաց ինքն իրեն Պինոքիոն ու չիմանալով որտեղ թաքցնի այն չորս ոսկին, գցեց բերանը, ուղիղ լեզվի տակ։ Հետո ուզեց փախչել։ Բայց դեռ մի քայլ էլ չէր արել, երբ զգաց, որ անմիջապես թևերը բռնեցին ու խռպոտ ձայնով ասացին.
— Կամ փողիդ քսա՛կը, կամ կյա՛նքդ։
Պինոքիոն բերանը գցած ոսկիների պատճառով չկարողացավ մի բառ արտասանել, հազար ու մի անգամ գլուխ տվեց, համրորեն հազար ու մի շարժում արեց այն երկու ծպտյալներին, որոնց միայն աչքերն էին երևում պարկի անցքերից, հասկացնելու համար, որ ինքը մի խեղճ բարատինո է և որ գրպանում նույնիսկ մի կեղծ չենտեզիմո էլ չունի։
— Շո՛ւտ արա, շո՛ւտ, քիչ բլբլա և փողերդ հանիր,— ահաբեկիչ ձայնով բղավում էին կողոպտիչները։
Իսկ բուրատինոն գլխով ու ձեռքերով մի շարժում արեց, որ նշանակում էր՝ «ես փող չունեմ»։
— Փողե՛րդ հանիր, այլապես մեռած ես,— ասաց առաջին ավազակը, որն ավելի բարձրահասակ էր։
— Այլապես մեռած ես,— կրկնեց մյուսը։
— Քեզ սպանելուց հետո, կսպանենք նաև քո հորը։
— Նաև քո հորը։
— Չէ՛, չէ՛, չէ՛, իմ խեղճ հորը չէ՛,— հուսաբեկ ճղղաց Պինոքիոն։ Բայց ճղղալու ժամանակ ոսկիները բերնում զնգզնգացին։
— Ա՛խ, խորամանկ սրիկա՛, ուրեմն ոսկիները լեզվիդ տա՞կ ես պահել։ Իսկույն ևեթ թափի՛ր։
Բայց Պինոքիոն ուշադրություն չդարձրեց։
— Ա՜ա, դու խո՞ւլ ես ձևանում։ Սպասիր մի փոքր, մենք ինքներս կգտնենք թափել տալու հնարը։
Եվ իսկապես, նրանցից մեկը ձեռքը գցեց բուրատինոյի քթի ծայրին, մյուսն էլ բռնեց երկար կզակից, և սկսեցին վայրենաբար ձգել մեկն այս կողմը, մյուսը՝ այն, այնպես որ նա ստիպված լինի բերանը բաց անել, բայց այդ նրանց ոչ մի կերպ չհաջողվեց. բուրատինոյի բերանը կարծես թե մեխած լիներ։
Այն ժամանակ կարճահասակ ավազակը դուրս քաշելով մի մեծ դանակ, փորձեց այն մինչև կոթը խրել Պինոքիոյի բերանը։ Բայց Պինոքիոն կայծակի արագությամբ այնպես կծեց նրա ձեռքը, որ ամբողջապես կտրեց ու մի կողմ նետեց։ Պատկերացնեք ինչպիսի զարմանք պատեց նրան, երբ կտրած ու գետին նետած մարդու ձեռքի փոխարեն տեսավ կատվի թաթ։
Գոտեպնդված իր այդ առաջին հաղթանակից, ուժ գործադրելով, նա դուրս պրծավ ավազակների ճանկերից և, թռչելով ցանկապատի մյուս կողմը, սկսեց դաշտերի միջով փախչել։ Իսկ ավազակներն էլ, հետապնդելով նրան, այնպես էին վազում, որ կարծես թե նապաստակի ետևից ընկած երկու շուն լինեին։ Նույնիսկ նա, որի թաթը կտրված էր, վազում էր մի ոտքով, թե ինչպե՞ս, դժվար է հասկանալ։
Մի տասնհինգ կիլոմետր վազելուց հետո Պինոքիոյի շունչը կտրվեց։ Տեսնելով, որ կորած է, մագլցելով վեր բարձրացավ մի շատ բարձր սոճու ծառ ու նստեց նրա ծայրին։ Ավազակները նույնպես փորձեցին վեր բարձրանալ նրա ետևից, բայց հասնելով մինչև բնի կեսը սայթաքեցին և, ձեռք ու ոտքերը քերծելով, ցած ընկան։
Բայց միևնույնն է, դրանից հետո էլ նրանք իրենց պարտված չհամարեցին։ Հավաքեցին մի կապ չոր փայտ, դարսեցին սոճու տակ և վառեցին։ Մի ակնթարթում սոճու ծառն այնպես սկսեց այրվել ու ճթճթալ, որ կարծես թե մոմից լիներ։ Պինոքիոն տեսնելով, որ բոցն անընդհատ վեր է բարձրանում և, չուզենալով դառնալ խորոված աղավնի, ծառի գագաթից մի գեղեցիկ թռիչքով ներքև ցատկեց ու նորից, դաշտերը ոտքի տակ տված, սկսեց վազել։ Իսկ ավազակներն էլ նրա ետևից ընկած հետապնդում էին՝ առանց հոգնություն զգալու։
Լույսն արդեն սկսել էր բացվել։ Բայց նրանք դեռ շարունակում էին վազել։ Մեկ էլ հանկարծ Պինոքիոն հանդիպեց պղտոր, սրճագույն ջրով լի մի լայն ու խոր փոսի։ Ի՞նչ անել։ «Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք»,— ասաց բուրատինոն ու, մի լավ թափ առնելով, թռավ մյուս կողմը։
Ավազակները նույնպես թռան, բայց ճիշտ հաշված չլինելու պատճառով՝ թրը՜մփ․․․ ընկան ուղիղ փոսի մեջտեղը։ Պինոքիոն, լսելով նրանց թրմփոցն ու ջրի չփչփոցը, ծիծաղեց ու վազքը շարունակելով, գոռաց.
— Բաղնիքներդ անո՜ւշ, սինյոր ավազակնե՛ր։
Նա արդեն երևակայում էր, թե ավազակներն հիմա խեղդված կլինեն, երբ շուռ եկավ ու տեսավ, որ ետևից ընկած երկուսն էլ դեռ վազում են՝ միևնույն պարկերի մեջ փաթաթված, որոնցից ջուրն այնպես էր ծլծլում, ինչպես ծակ դույլից։
XV. Ավազակները հետապնդում են Պինոքիոյին մինչև բռնելը, որից հետո կախում են Կաղնու ճյուղից
Այդ ժամանակ բուրատինոն այնպես հուսահատվեց, որ քիչ մնաց փռվեր գետնին և հանձնվեր, բայց աչքերն այս ու այն կողմ գցելով, կանաչ ծառերի մեջ մի տուն տեսավ, որը հեռվում փայլում էր ճերմակ ձյան նման։
— Եթե ես այնքան ուժ ունենայի, որ կարողանայի հասնել այն տունը, գուցե փրկվեի,— ասաց ինքն իրեն Պինոքիոն։
Եվ առանց մի րոպե կորցնելու, նորից սկսեց վազել անտառի միջով արագ ու շնչակտուր։ Ավազակներն էլ՝ անընդհատ հետևից ընկած։ Գրեթե երկու ժամվա հուսակտուր վազքից հետո, վերջապես բոլորովին շնչասպառ նա հասավ այն տան դռանը ու ծեծեց։
Ոչ ոք չպատասխանեց։
Սկսեց ծեծել ավելի ուժգնորեն, որովհետև արդեն լսում էր հետապնդողների ոտքերի ձայնն ու հեթեթոցը։
Կրկին նույն լռությունը։
Տեսնելով, որ դուռ ծեծելը ոչ մի օգուտ չի բերում, նա սկսեց հուսահատված գլխով ու քացով խփել։ Այն ժամանակ լուսամուտի մոտ երևաց կապույտ մազերով մի փոքրիկ ու գեղեցիկ աղջիկ։ Նրա երեսն այնքան ճերմակ էր, կարծես թե մոմից լիներ։ Աչքերը փակ էին, ձեռքերը կրծքին խաչած։ Նա շուրթերն առանց շարժելու բարակ, հազիվ լսելի ձայնով, որը կարծես թե գետնի տակից էր դուրս գալիս, ասաց.
— Այս տանը ոչ ոք չկա։ Բոլորն էլ մեռած են։
— Այդ դեպքում գոնե դո՛ւ բաց արա,– լաց լինելով ու աղերսական ձայնով գոռաց Պինոքիոն։
— Ես էլ եմ մեռած։
— Մեռա՞ծ, այդ դեպքում ի՞նչ գործ ունես լուսամուտի առաջ։
— Սպասում եմ դագաղի, որպեսզի գա ինձ տանի։
Դեռ խոսքը լրիվ չվերջացրած, փոքրիկ աղջիկն իսկույն ևեթ չքացավ, լուսամուտն էլ առանց աղմուկի նորից փակվեց։
— Օ՜, կապույտ մազերով փոքրիկ ու գեղեցիկ աղջիկ, — ձայն էր տալիս Պինոքիոն, — բա՛ց արա, աղաչում եմ։ Խղճա մի թշվառի, որին հետապնդում են ավազակ․․․
Բայց խոսքը վերջացնել էլ չկարողացավ, որովհետև կոկորդը բռնեցին ու միևնույն սպառնալից ձայնով ասացին.
— Այլևս մեր ձեռքից չե՜ս պրծնի։
Բուրատինոն մահն աչքերի առաջ տեսնելով՝ սկսեց այնպես դողդողալ, որ լսվեցին փայտե ոտքերի հոդերի շխկշխկոցն ու լեզվի տակ պահած այն չորս մետաղադրամի զնգզնգոցը։
— Հիմա ո՞նց ես,— հարցրին նրան ավազակները,— բերանդ բաց ես անո՞ւմ, թե չէ. ասա կամ՝ հա՛, կամ՝ չէ՛։ Ահա՜, չե՞ս պատասխանում․․․ Քո գործն է, այս անգամ արդեն մենք ինքներս բաց անել կտանք․․․
Եվ դուրս քաշելով երկու ածելիի պես սուր և հսկայական երկարության դանակ, խը՛ռթ․․․ խրեցին Պինոքիոյի փորը։
Բայց բարեբախտաբար բուրատինոն պատրաստված էր մի շատ ամուր փայտից, որի պատճառով դանակները ներս մտնելու փոխարեն հազար կտոր եղան, իսկ ավազակները մնացին դանակների կոթերը ձեռքներին՝ իրար երեսի նայելով։
— Իմացա՜,— ասաց այն ժամանակ նրանցից մեկը,— դրան պետք է կախել։ Արի կախենք։
— Արի կախենք,— կրկնեց մյուսը։
Ասածն արած էր. Պինոքիոյի ձեռքերը կապեցին հետևից, մի օղակ պատրաստեցին, անցկացրին օձիքը և կախեցին մի մեծ ծառի ճյուղից, որը Կաղնի էր կոչվում։
Այնուհետև իրենք էլ նստեցին Կաղնու տակ, խոտերի վրա, սպասելով, մինչև որ բուրատինոն կատարի իր վերջին ցնցումը։ Բայց բուրատինոն երեք ժամից հետո էլ դեռ ոչ աչքերն էր փակում, ոչ էլ բերանը բացում և, ընդհակառակը, ավելի շատ էր քացի-քացի անում, քան առաջ։ Վերջապես, սպասելուց ձանձրացած, նրանք շուռ եկան դեպի Պինոքիոն և կծու հեգնանքով ասացին.
— Մնաս բարով մինչև վաղը։ Երբ վաղը վերադառնանք, կարելի է հուսալ, որ քեզ քաղաքավարի կերպով մեռած և բերանդ էլ բաց կգտնենք։
Ասացին ու հեռացան։ Մինչդեռ այդ ժամանակ հյուսիսային մի ուժեղ քամի կատաղորեն ոռնում էր ու փչում, այս ու այն կողմ խփելով խեղճ կախվածին, որը այնպես էր ճոճվում, կարծես թե տոն օրերին զարկող զանգի լեզվակ լիներ։ Ճոճվելը նրան սոսկալի ցավեր էր պատճառում, իսկ օձիքը գցած օղակը, անընդհատ ձգվելով, շունչը բոլորովին կտրում էր։
Կամաց-կամաց նրա աչքերը մթնում էին ու, թեև զգում էր մահվան մոտենալը, այնուամենայնիվ հուսով էր, թե մի խղճով մարդ կպատահի և օգնություն ցույց կտա։ Բայց երբ սպասեց, սպասեց ու տեսավ, որ ոչ ոք չի երևում, ուղղակի ո՛չ ոք, միտքն ընկավ իր խեղճ հայրը․․․ և գրեթե մեռնելով, մրմնջաց.
— Ա՜խ, հայրիկ ջան, եթե դու այստեղ լինեի՜ր․․․
Եվ այլևս ոչինչ ասել չկարողացավ։ Աչքերը փակեց, բացեց բերանը, թուլացած կախ գցեց ոտքերը և, վերջին անգամ մի ցնցում անելուց հետո, սառեց մնաց իր տեղը։
XVI. Կապույտ մազերով գեղեցիկ աղջիկն ազատել է տալիս բուրատինոյին և, բերելով իր մոտ, պառկեցնում է անկողնում ու երեք բժիշկ կանչում, որպեսզի իմանա նրա մեռած կամ կենդանի լինելը
Այն ժամանակ, երբ մեծ Կաղնու ճյուղից կախված խեղճ Պինոքիոն ավելի շուտ մեռած էր թվում, քան կենդանի, կապույտ մազերով գեղեցիկ աղջիկը կրկին նայեց լուսամուտից և, խղճահարվելով այդ դժբախտի տեսքից, որը հյուսիսային քամու առաջ ճոճվում, այս ու այն կողմն էր զարնվում, երեք անգամ ծափ տվեց։
Այդ ազդանշանի վրա լսվեց թևերի ուժգին թափահարության աղմուկ, և մի ահագին Բազե սուր սլացքով եկավ ու կանգնեց պատուհանի գոգին։
— Ի՞նչ եք հրամայում, իմ սքանչելի Ֆեյա[5],— ասաց Բազեն, որպես հարգանքի նշան ցածրացնելով կտուցը (անհրաժեշտ է իմանալ, որ կապույտ մազերով փոքրիկ աղջիկը մի շատ բարի Ֆեյա էր և հազար տարուց ավելի էր, ինչ ապրում էր այդ անտառի մոտ)։
— Տեսնո՞ւմ ես այն բուրատինոյին, որը կախված է մեծ Կաղնու ճյուղից։
— Տեսնում եմ։
— Թռիր, ուրեմն, նրա մոտ, քո ուժեղ կտուցով կտրիր այն թոկը, որով նա կախված է, և զգուշությամբ պառկեցրու Կաղնու տակ, խոտերի վրա։
Բազեն թռավ-գնաց և երկու րոպեից հետո վերադառնալով՝ ասաց.
— Ձեր հրամանը կատարված է։
— Իսկ նրան ինչպե՞ս գտար. կենդանի՞, թե մեռած։
— Սկզբից թվում էր, թե մեռած է, բայց պետք է որ լրիվ մեռած չլինի, որովհետև հենց որ արձակեցի կոկորդը խեղդող օղակը, շունչ քաշեց ու կիսաձայն շշնջաց. «Այժմ ինձ արդեն լավ եմ զգում»։
Այն ժամանակ Ֆեյան ծափ տվեց երկու անգամ։ Հայտնվեց մի հրաշալի Պուդել[6], որը, ետևի ոտքերի վրա ուղիղ կանգնած, այնպես էր շորորում, կարծես թե մարդ լիներ։
Պուդելը հագնված էր տոնական զգեստ կրող կառապանի նման։ Նա գլխին ոսկե ժապավեններով մի եռանկյունի գլխարկ ուներ, սպիտակ կեղծամ, որի խոպոպները կախվում էին վզից ներքև, շոկոլադի գույնի պիջակ, ադամանդե կոճակներով ու երկու մեծ գրպաններով՝ ոսկոր դնելու համար, որ նա նվեր էր ստանում ճաշի ժամանակ իր տիրուհուց, մուգ կարմիր մախմուրից մի կարճ շալվար, մետաքսյա գուլպաներ, երեսները բաց կոշիկներ, իսկ ետևից ամպհովանու պատյանի պես մի բան, ամբողջապես կապույտ մետաքսից, անձրև գալու ժամանակ պոչը նրա մեջ դնելու համար։
— Շո՛ւտ վազիր այստեղ, Մեդորո,— ասաց Ֆեյան Պուդելին։— Լծիր այս րոպեիս իմ ախոռի ամենագեղեցիկ կառքը և ուղևորվիր անտառ։ Հենց որ հասնես մեծ Կաղնուն, կտեսնես խոտերի վրա պառկած մի խեղճ, կիսամեռ բուրատինոյի։ Զգուշությամբ վերցրու, ուղիղ պառկեցրու կառքի բարձերի վրա և բեր այստեղ ինձ մոտ։ Հասկացա՞ր։
Պուդելը, ցույց տալու համար, որ հասկացավ, երեք թե չորս անգամ շարժեց կապույտ մետաքսից պատյանը, որը իր ետևն էր, և սլացավ։
Քիչ հետո երևաց ախոռից դուրս եկող մի գեղեցիկ երկնագույն կառք, ամբողջապես կահավորված դեղձանիկի փետուրով լցրած փափուկ բարձերով և ներսն էլ պաստառած ջոկովի սերով ու սավոյան[7] քսուկով։
Կառքը քաշում էին հարյուր զույգ սպիտակ մկներ, իսկ Պուդելը, նստած կառքի նստիքին, մտրակով շրխկացնում էր աջ ու ձախ, ինչպես կառապանն է անում, երբ վախենում է, որ ուշանա։
Քառորդ ժամ էլ չէր անցնել, կառքր վերադարձավ։ Ֆեյան, որ սպասում էր դռան մուտքի մոտ, վերցրեց խեղճ բուրատինոյին և, ներս տանելով մի փոքրիկ սենյակ, որի պատերը սադափից էին, իսկույն ևեթ ուղարկեց տեղական ամենահայտնի բժիշկներին կանչելու։
Բժիշկները նույնպես մեկը մյուսի ետևից անհապաղ հայտնվեցին. այսինքն՝ եկան Ագռավը, Բուն, ապա Խոսող Ծղրիդը։
— Ես կուզեի ձեզանից իմանալ, սինյորներ,— ասաց Ֆեյան, դիմելով երեք բժիշկներին, որոնք շրջապատել էին Պինոքիոյի մահճակալը,— կուզեի ձեզանից իմանալ, սինյորներ, թե այս դժբախտ բուրատինտն մեռա՞ծ է, թե կենդանի․․․
Այդ խոսքերը լսելիս Ագռավն առաջինը մոտենալով շոշափեց Պինոքիոյի երակը, հետո՝ քիթը, հետո՝ ոտքի ճկույթը. և երբ մի լավ շոշափեց, վերջացրեց, հանդիսավոր կերպով այսպես ասաց.
— Իմ կարծիքով բուրատինոն ամբողջապես մեռած է։ Բայց եթե, դժբախտաբար, մեռած չլինի, ուրեմն այդ հաստատ նշան է, որ դեռ կենդանի է։
— Ինձ վշտացնում է,— ասաց Բուն, այն հանգամանքը, որ ես ստիպված եմ առարկել Ագռավին, իմ հռչակավոր բարեկամին ու ընկերոջը։ Ըստ իս, ընդհակառակը, բուրատինոն դեռ կենդանի է։ Իսկ եթե, դժբախտաբար, կենդանի չլինի, ուրեմն այդ նշան է, որ իսկապես մեռած է։
— Իսկ դուք ոչինչ չե՞ք ասում,— հարցրեց Ֆեյան Խոսող Ծղրիդին։
— Ես կարծում եմ, որ երբ խելամիտ Բժիշկը չգիտի այն, ինչի մասին խոսում է, լավ կանի լռի։ Եվ, վերջապես, այդ բուրատինոն ինձ համար նորություն չէ, ես դրան վաղուց եմ ճանաչում․․․
Պինոքիոն, որը մինչ այդ անշարժ պառկած էր մի իսկական փայտի կտորի նման, հանկարծ այնպես սկսեց կուտապ-կուտապ գալ անկողնում, որ նույնիսկ մահճակալն սկսեց ցնցվել։
— Այդ բուրատինոն,— շարունակեց Խոսող Ծղրիդը,— հայտնի ծույլի մեկն է․․․
Պինոքիոն բացեց աչքերն ու անմիջապես փակեց։
— Խաբեբայի, դատարկապորտի, թափառաշրջիկի մեկը․․․
Պինոքիոն երեսը թաքցրեց սավանի տակ։
— Այդ բուրատինոն խլականջի մեկն է, որն իր խեղճ հորը վշտից կմեռցնի․․․
Այդ րոպեին սենյակում լսվեցին զսպված լացի ու հեծկլտանքի ձայներ։ Պատկերացրե՛ք, թե բոլորն էլ ինչպես զարմացան, երբ սավանը մի փոքր վեր բարձրացրին ու տեսան, որ լաց լինողն ու հեծկլտացողը Պինոքիոն էր։
— Երբ մեռածը լաց է լինում, այդ նշան է, որ նա լավանալու վրա է,— հանդիսավոր կերպով արտասանեց Ագռավը։
— Ինձ ցավ է պատճառում իմ հռչակավոր բարեկամին ու ընկերոջն առարկելը,— վրա բերեց Բուն,— բայց ըստ իս, երբ մեռածը լաց է լինում, այդ նշան է, որ մեռնելը նրան դուր չի գալիս։
XVII. Պինոքիոն շաքարն ուտում է, բայց դեղ չի ուզում ընդունել։ Իսկ երբ տեսնում է՝ գերեզմանափորները գալիս են իրեն տանելու, ընդունում է։ Այնուհետև մի սուտ է ասում և որպես պատիժ քիթը երկարում է
Հենց որ երեք բժիշկն էլ սենյակից գնացին, Ֆեյան մոտեցավ Պինոքիոյին, ձեռքը դրեց ճակատին և տեսավ, որ այնպիսի մի ջերմություն է եկել վրան, որ ասելու չի։
Այն ժամանակ Ֆեյան վերցրեց ինչ-որ համապատասխան սպիտակ փոշի, բացեց մի կես բաժակ ջրի մեջ և, մեկնելով դեպի բուրատինոն, սիրալիր կերպով ասաց.
— Խմի՛ր, և մի քանի րոպեից հետո կլավանաս։
Պինոքիոն նայեց բաժակին, մի փոքր բերանը ծռեց և հետո լացակումած ձայնով հարցրեց.
— Քա՞ղցր է, թե դառը։
— Դառն է, բայց քեզ կառողջացնի։
— Եթե դառն է, չեմ ուզում։
— Լսիր ինձ և խմիր։
— Ես դառը չեմ սիրում։
— Խմիր, և երբ խմես վերջացնես, մի կտոր շաքար կտամ՝ բերանդ քաղցրացնելու համար։
— Բա շաքարն ո՞ւր է։
— Ահա, այստեղ է,— ասաց Ֆեյան, վերցնելով այն ոսկյա շաքարամանից։
— Սկզբից շաքարն եմ ուզում, հետո կխմեմ այդ դառը ջուրը․․․
— Խոստանո՞ւմ ես։
— Այո․․․
Ֆեյան շաքարը տվեց Պինոքիոյին, որը մի ակնթարթում խժռելուց ու կուլ տալուց հետո, շուրթերը լիզելով ասաց.
— Լավ կլիներ, եթե շաքարն էլ դեղ լիներ․․․ ես ամեն օր կընդունեի։
— Այժմ խոստումդ կատարիր և խմիր այս մի քանի կաթիլ ջուրը, որը քեզ առողջացնի։
Պինոքիոն դժկամորեն բաժակը ձեռքն առավ և քթի ծայրը խրեց մեջը, հետո մոտեցրեց բերնին, հետո նորից քիթը կոխեց մեջը, վերջապես ասաց.
— Շատ է դառը, շատ է դառը, ես այդ խմել չեմ կարող։
— Ինչպե՞ս կարող ես այդ ասել, երբ դեռ համն էլ չես տեսել։
— Պատկերացնում եմ, հոտից է զգացվում։ Մի կտոր շաքար էլ եմ ուզում․․․ իսկ հետո կխմեմ․․․
Այն ժամանակ Ֆեյան՝ բարի մոր համբերությամբ նրա բերանը մի կտոր շաքար էլ դրեց, հետո նորից մոտեցրեց բաժակը։
— Ես այսպես չեմ կարող խմել,— ասաց բուրատինոն, հազար ու մի տեսակ ծռմռելով քիթ ու բերանը։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ոտքերիս վրա ընկած բարձն ինձ ձանձրացնում է։
Ֆեյան վերցրեց բարձը։
— Իզուր է, ոչ էլ այդպես կարող եմ խմել։
— Իսկ հիմա ի՞նչն է ձանձրացնում։
— Հիմա էլ ձանձրացնում է սենյակի դուռը, որը կիսաբաց է։
Ֆեյան գնաց, փակեց սենյակի դուռը։
— Մի խոսքով,— գոռաց Պինոքիոն, բարձրաձայն լաց լինելով,— այդ դառը ջուրը ես չեմ ուզում խմել, չէ՛, չէ՛, չէ՛․․․
— Տղաս, կփոշմանես․․․
— Միևնույնն է․․․
— Քո հիվանդությունը վտանգավոր է․․․
— Միևնույնն է․․․
— Այդ ջերմությունը շուտով քեզ գերեզման կտանի․․․
— Միևնույնն է․․․
— Մահից չե՞ս վախենում։
— Իսկի էլ չէ․․․ ավելի լավ է մեռնել, քան թե այդ զզվելի դեղը խմել։
Այդ րոպեին սենյակի դուռը բացվեց, և ներս մտան թանաքի նման չորս սև ճագարներ, որոնք ուսներին դրած մի փոքրիկ դագաղ էին բերում։
— Ի՞նչ եք ուզում ինձանից,— բղավեց Պինոքիոն, սարսափահար վեր թռչելով ու տեղում նստելով։
— Եկել ենք քեզ տանենք,— պատասխանեց ամենամեծ ճագարը։
— Ինձ տանե՞ք․․․ բայց չէ՞ որ ես դեռ մեռած չեմ։
— Դեռ մեռած չես, բայց քեզ մի քանի րոպե է մնում ապրելու, որովհետև հրաժարվել ես դեղ խմելուց, որը կարող էր բուժել քեզ։
— Ամա՜ն, Ֆեյա ջան, ամա՜ն, Ֆեյա ջան,— սկսեց ճչալ բուրատինոն,— շուտ արեք, ինձ տվեք այն բաժակը․․․ շուտ արեք, աղաչում եմ, որովհետև, ես չեմ ուզում մեռնել, չէ․․․ չեմ ուզում մեռնե՜լ․․․
Եվ երկու ձեռքով վերցնելով բաժակը՝ միանգամից կոնծեց։
— Սպասի՛ր,— ասացին ճագարները,— ուրեմն իզուր եկանք։
Եվ փոքրիկ դագաղը կրկին ուսներին դնելով, դուրս եկան սենյակից, քթների տակ մռթմռթալով ու փնթփնթալով։
Բանն այն է, որ դրանից մի քիչ հետո Պինոքիոն մահճակալից ցած թռավ բոլորովին առողջացած, որովհետև պետք է իմանալ, որ փայտյա բուրատինոները մի առավելություն ունեն. նրանք հիվանդանում են հազվագյուտ և լավանում շատ շուտ։
Իսկ Ֆեյան, տեսնելով, որ Պինոքիոն աքաղաղի նման ուրախ թռչկոտելով վազվզում է սենյակում ու չարաճճիություն անում, հարցրեց նրան.
— Ուրեմն իմ տված դեղը քեզ իսկապե՞ս օգնեց։
— Օգնելուց էլ դեռ մի բան ավել, ինձ ամբողջապես փրկեց մահից․․․
— Հապա ինչո՞ւ էիր ստիպում այդքան խնդրել քեզ։
— Է, մենք՝ երեխաներս, այդպես ենք. դեղից ավելի շատ ենք վախենում, քան թե ցավից։
— Ամո՛թ․․․ Երեխաները պիտի իմանան, որ լավ դեղը եթե իր ժամանակին ընդունեն, կարող է փրկել լուրջ հիվանդությունից և գուցե նույնիսկ մահից․․․
— Օ՛յ մյուս անգամ այլևս չեմ ստիպի այդքան խնդրել, կհիշեմ դագաղն ուսերին դրած այն սև ճագարներին․․․ և անմիջապես կվերցնեմ բաժակն ու կկոնծեմ․․․
— Հիմա արի ինձ մոտ և պատմիր, թե ինչպես պատահեց, որ դու այդ ավազակների ձեռքն ընկար։
— Այնպես պատահեց, որ թատրոնատեր Մանջաֆոքոն ինձ մի քանի ոսկեդրամ տվեց ու ասաց. «Տար տուր հորդ»։ Ես էլ ճանապարհին մի Աղվեսի, մի հատ էլ Կատվի հանդիպեցի, շատ կարգին անձնավորություններ, որոնք ինձ ասացին. «Ուզո՞ւմ ես, որ քո այդ փողերը դառնան հազար և երկու հազար հատ, եթե ուզում ես, արի մեզ հետ, մենք քեզ կտանենք Հրաշքների Դաշտը»։ Ես էլ ասացի. «Գնանք»։ Նրանք էլ ասացին. «Եկեք մնանք այստեղ, «Կարմիր Խեցգետին» պանդոկում, կեսգիշերից հետո կգնանք»։ Իսկ երբ ես արթնացա, նրանք չկային, որովհետև գնացել էին։ Այն ժամանակ ես էլ գնացի։ Գիշեր էր և այնքան մութ, որ դժվար է պատկերացնել։ Այդ պատճառով էլ ճանապարհին երկու ավազակ հանդիպեցին, ածուխի երկու պարկի մեջ մտած, որոնք ինձ ասացին. «Փողդ հանի՛ր»։ Ես էլ ասացի. «Ես փող չունեմ»,— որովհետև չորս ոսկեդրամը բերանս էի գցել պահելու համար․․․ Իսկ ավազակներից մեկը փորձեց ձեռքերը բերանս կոխել, իսկ ես էլ կծելով կտրեցի ձեռքն ու ցած նետեցի, բայց ձեռքի փոխարեն կատվի թաթ դուրս եկավ։ Հետո ավազակներն ընկան իմ ետևից, ես էլ վազում հա վազում էի, մինչև որ հասան ինձ, վզիցս կապեցին ու կախեցին այս անտառի մի ծառից ու ասացին. «Վաղը ետ կգանք, այն ժամանակ դու մեռած կլինես, բերանդ էլ բացած, և այդպիսով մենք այդ ոսկիները, որոնք պահել ես լեզվիդ տակ, կտանենք»։
— Իսկ այժմ որտե՞ղ են այդ չորս ոսկիները,— հարցրեց նրան Ֆեյան։
— Կորցրել եմ,— պատասխանեց Պինոքիոն, բայց խաբեց, որովհետև ոսկիները գրպանում էին։
Հենց որ սուտ ասաց, նրա քիթը, որ առանց այն էլ երկար էր, անմիջապես երկու մատ աճեց։
— Իսկ որտե՞ղ ես կորցրել։
— Այս մոտիկ անտառում։
Այս երկրորդ ստախոսությունից քիթը շարունակեց էլի երկարել։
— Եթե մոտիկ անտառումն ես կորցրել,— ասաց Ֆեյան,— ման կգանք ու կգտնենք, որովհետև ինչ որ կորչում է մոտիկ անտառում, միշտ էլ գտնվում է։
— Վա՜յ, հիշեցի՛,— վրա բերեց Պինոքիոն,— ոսկիները ոչ թե կորցրել եմ, այլ առանց նկատելու կուլ եմ տվել ձեր տված դեղը խմելու ժամանակ։ Այս երրորդ ստախոսության ժամանակ նրա քիթը մի այնպիսի արտասովոր չափի հասավ, որ խեղճ Պինոքիոն այլևս սենյակում շարժվել չէր կարողանում։ Այսպես էր շարժվում՝ քիթը կպչում էր մահճակալին կամ լուսամուտի ապակիներին, այնպես էր շարժվում՝ կպչում էր պատին կամ դռանը, իսկ եթե գլուխը մի քիչ վեր էր բարձրացնում՝ քիչ էր մնում Ֆեյայի աչքը հանի։ Ֆեյան էլ նրան էր նայում ու ծիծաղում։
— Ինչո՞ւ եք ծիծաղում,— հարցրեց նրան բուրատինոն, ամբողջապես շփոթված ու անհանգստացած իր քթի պատճառով, որն աչքի առաջ աճում էր։
— Քո ասած ստի վրա եմ ծիծաղում։
— Դուք որտեղի՞ց գիտեք, որ սուտ եմ ասում։
— Ստախոսությունը, տղաս, անմիջապես երևում է, որովհետև երկու տեսակ ստախոսություն կա. մի տեսակ ստի ոտքերն են կարճ, մյուս տեսակի էլ քիթն է երկար։ Քո սուտը հենց նրանցից է, որոնց քիթն է երկար։
Պինոքիոն, ամոթից թաքնվելու տեղ չգտնելով, փորձեց սենյակից դուրս փախչել, բայց այդ նրան չհաջողվեց։ Քիթը այնքան էր երկարել, որ այլևս դռնով չէր անցնում։
XVIII. Պինոքիոն նորից գտնում է Աղվեսին ու Կատվին և գնում է նրանց հետ Հրաշքների դաշտում չորս ոսկի ցանելու
Ինչպես և կարող եք ենթադրել, Ֆեյան թողեց, որ Պինոքիոն մի ամբողջ կես ժամ լաց լինի ու ճղղա իր քթի պատճառով, որը ոչ մի կերպ չէր անցնում սենյակի դռնով։ Այնուհետև մի լավ էլ բարկացավ, որպեսզի ուղղվի այդ վատ արատից և այլևս սուտ չխոսի։ Այդ ամենավատ արատն է, որ կարող է ունենալ մի երեխա։ Բայց երբ տեսավ, որ Պինոքիոն անսահման հուզմունքից ամբողջապես փոխվել է, և աչքերն էլ դուրս են պրծել, խղճահարված երեք անգամ ծափ տվեց և այդ ազդանշանին լուսամուտից սենյակ լցվեցին մի հազար հատ փայտփորիկ անունով մեծ թռչուններ, որոնք նստելով Պինոքիոյի քթին, սկսեցին կտցահարել ու կտցահարել, մինչև որ այդ հսկայական, խիստ երկար քիթը կարճացավ՝ ընդունելով բնական չափը։
— Ինչքա՛ն բարի եք, իմ սիրելի Ֆեյա,— ասաց Պինոքիոն, աչքերը սրբելով,— եթե իմանայիք, թե ես որքան եմ սիրում ձեզ․․․
— Ես էլ քեզ եմ սիրում,— պատասխանեց Ֆեյան,— և եթե ցանկանաս մնալ ինձ մոտ, կդառնաս իմ սիրելի եղբայրիկը. ես էլ՝ քո բարի քույրիկը․․․
— Մեծ ուրախությամբ կմնայի․․․ բայց իմ խեղճ հա՞յրը․․․
— Ես ամեն ինչի մասին արդեն մտածել եմ։ Քո հայրն այդ մասին արդեն նախազգուշացված է և մինչև օրը մթնելն այստեղ կլինի․․․
— Իսկապե՞ս,— բացականչեց Պինոքիոն, ուրախությունից ցատկոտելով։— Այդ դեպքում, իմ բարի Ֆեյա, եթե դեմ չեք, ես կուզեի գնալ նրան դիմավորելու։ Համբերությունս չի տալիս սպասել մինչև նրա գալը, որպեսզի մի անգամ համբուրեմ խեղճ ծերուկին, որն ինձ համար այնքան տանջվել է։
— Գնա, խնդրեմ, բայց զգույշ եղիր, ճանապարհը չկորցնես։ Բռնիր անտառի ճամփան ու գնա, ես համոզված եմ, որ նրան կհանդիպես։
Պինոքիոն գնաց, և հենց որ ընկավ անտառ, սկսեց այծյամի նման վազել։ Բայց երբ արդեն հասավ գրեթե այն մեծ Կաղնու դիմացը, կանգ առավ, որովհետև նրան թվաց, թե թփուտների մեջ մարդու ձայն է լսում։ Եվ իրոք, նա տեսավ ճամփի վրա դուրս եկող․․․ թե իմանաք ո՞ւմ․․․ Աղվեսին ու Կատվին՝ իր այն երկու ուղեկիցներին, որոնց հետ ընթրել էր «Կարմիր Խեցգետին» պանդոկում.
— Ահա և մեր թանկագին Պինոքիո՜ն,— բացականչեց Աղվեսը, գրկելով և համբուրելով Պինոքիոյին։— Այդ ինչպե՞ս է պատահել, որ ընկել ես այստեղ։
— Այդ ինչպե՞ս է պատահել, որ ընկել ես այստեղ,— կրկնեց Կատուն։
— Երկար պատմություն է,— պատասխանեց բուրատինոն,— ես ձեզ հետո կպատմեմ։ Այնուամենայնիվ, իմացեք, որ երեկ գիշեր, երբ դուք ինձ մենակ թողիք պանդոկում, ճանապարհին ավազակների հանդիպեցի։
— Ավազակների՞․․․ Օ՜, խեղճ բարեկամ։ Իսկ ի՞նչ էին ուզում։
— Ուզում էին ոսկեդրամներս թալանել։
— Սրիկանե՛ր,— ասաց Աղվեսը։
— Նողկալի՛ սրիկաներ,— կրկնեց Կատուն։
— Բայց ես սկսեցի փախչել,— շարունակեց պատմել բուրատինոն,— իսկ նրանք էլ իմ ետևից ընկած այնքան հետապնդեցին, մինչև որ բռնեցին ու կախեցին այն Կաղնու ճյուղից․․․
Եվ Պինոքիոն գլխով արեց դեպի մեծ Կաղնին, որը մի երկու քայլի վրա էր։
— Էլ ավելի վատ բան կարելի՞ էր լսել,— ասաց Աղվեսը։— Ինչպիսի աշխարհում ենք դատապարտված ապրելու։ Էլ որտե՞ղ ապահով ապաստան գտնենք մենք՝ ազնիվ մարդիկս։
Այսպես խոսելու ժամանակ Պինոքիոն նկատեց, որ Կատուն առջևի աջ ոտքից կաղում է, որովհետև նրա ոտքի թաթը ամբողջապես չկար։
— Այդ թաթդ ի՞նչ ես արել։
Կատուն ուզում էր մի կերպ պատասխանել, բայց շփոթվեց։ Այդ ժամանակ Աղվեսը անմիջապես վրա բերեց.
— Իմ բարեկամը շատ համեստ է և այդ պատճառով էլ չի պատասխանում։ Նրա փոխարեն ես կպատասխանեմ։ Իմացիր, ուրեմն։ Մի ժամ առաջ ճանապարհին մի ծեր գայլի հանդիպեցինք, որի ուշքը քաղցից գրեթե գնում էր։ Նա մեզանից մի փոքր ողորմություն խնդրեց։ Մենք ձկան մի փուշ էլ չունենք նրան տալու, բայց տեսեք թե ի՞նչ արեց իմ բարեկամը, որ իսկական արքայի սիրտ ունի․․․ Նա ատամներով կտրեց առջևի ոտքի թաթը և գցեց այն խեղճ կենդանուն, որպեսզի նա իր քաղցը մի փոքր կոտրի։
Եվ Աղվեսն այդ պատմելու ժամանակ սրբեց արցունքը։
Պինոքիոն նույնպես ազդված դրանից, մոտեցավ Կատվին ու փսփսաց նրա ականջին.
— Եթե բոլոր կատուներն էլ քեզ նման լինեին, այն ժամանակ մկները երջանիկ կլինեին․․․
— Իսկ այժմ ի՞նչ ես անում այս տեղերում,— հարցրեց Աղվեսը բուրատինոյին։
— Հորս եմ սպասում, որը հիմի որտեղ որ է գալու է։
— Իսկ քո ոսկեդրամնե՞րը։
— Գրպանումս են, բացի մի հատից, որ ծախսեցի «Կարմիր Խեցգետին» պանդոկում։
— Ապա մի մտածիր, որ չորս ոսկու փոխարեն նրանք կարող էին վաղը դառնալ հազար ու երկու հազար հատ։ Ինչո՞ւ չես լսում իմ խորհուրդը, ինչո՞ւ չես գնում Հրաշքների Դաշտ և այնտեղ ցանում։
— Այսօր հնարավոր չէ, կգնամ մի այլ օր։
— Մի այլ օր արդեն ուշ կլինի,— ասաց Աղվեսը։
— Ինչո՞ւ։
— Որովհետև դաշտը մի հարուստ կալվածատեր է գնել, և վաղվանից այլևս ոչ ոքի չի թույլատրվելու այնտեղ փող ցանել։
— Այստեղից ինչքա՞ն է հեռու այդ Հրաշքների Դաշտը։
— Ընդամենը երկու կիլոմետր։ Ուզո՞ւմ ես մեզ հետ գալ։ Կես ժամից հետո այնտեղ կլինես. կցանես այդ չորս ոսկին, մի քանի րոպեից հետո կքաղես երկու հազար հատ և այսօր իսկ երեկոյան կվերադառնաս լիքը գրպաններով։ Ուզո՞ւմ ես, գնանք։
Պինոքիոն մի փոքր տատանվեց, որովհետև հիշեց բարի Ֆեյային, ծերուկ Ջեպետտոյին, հիշեց Խոսող Ծղրիդի նախազգուշացումները, բայց հետո արեց այնպես, ինչպես անում են բոլոր երեխաները, որոնք ո՛չ խելք ունեն, ո՛չ խիղճ։ Մի խոսքով, բանը վերջացավ նրանով, որ գլուխը թափ տվեց և, դիմելով Աղվեսին ու Կատվին, ասաց.
— Գնանք, ես էլ եմ գալիս ձեզ հետ։
Եվ գնացին։
Մի ամբողջ կեսօր գնալուց հետո հասան մի քաղաք, որի անունը «Աքիապա-չիտրուլլի» էր։ Դա մի քաղաք էր, որի փողոցները լիքն էին բուրդը թողած շներով, որոնք քաղցից հորանջում էին, խուզած ոչխարներով, որոնք դողում էին ցրտից, առանց բոխախի ու կատարի հավերով, որոնք եգիպտացորենի մի հատիկ էին ողորմություն խնդրում, մեծ-մեծ թիթեռներով, որոնք թռչել չէին կարողանում՝ իրենց հրաշալի ու խայտաբղետ թևերը վաճառած լինելու պատճառով, անպոչ սիրամարգներով, որոնք ամաչում էին ցույց տալ իրենց և, վերջապես, փասիաններով, որոնք կամաց-կամաց օրորվում էին, ողբալով իրենց ընդմիշտ կորցրած ոսկեգույն ու արծաթագույն փետուրները։
Այդ մուրացկանների և ամաչկոտ ողորմելիների ամբոխի միջով մերթ ընդ մերթ որևէ սինյորական կառք էր անցնում, որի մեջ կամ մի աղվես էր լինում նստած, կամ մի գող կաչաղակ, կամ էլ մի գիշատիչ թռչուն։
— Իսկ Հրաշքների Դաշտը որտե՞ղ է,— հարցրեց Պինոքիոն։
— Այստեղ՝ մի երկու քայլի վրա։
Ասածն արած էր։ Քաղաքը կտրեցին անցան և, դուրս գալով պարիսպներից, կանգ առան մի ամայի դաշտում, որը ոչնչով չէր տարբերվում մյուս դաշտերից։
— Ահա և հասանք,— ասաց Աղվեսը բուրատինոյին։— Այժմ կռացիր, ձեռքերով մի փոքրիկ փոս արա և ոսկեդրամները գցիր մեջը։
Պինոքիոն հնազանդվեց։ Փոս արեց, մեջը գցեց իր մոտ մնացած չորս ոսկեդրամները և, վրան մի քիչ հող լցնելով, նորից ծածկեց։
— Հիմա էլ,— ասաց Աղվեսը,— գնա այն մոտիկ լճակից մի դույլ ջուր բեր ու շաղ տուր ցանածդ տեղը։
Պինոքիոն գնաց լճակը, բայց որովհետև այդ րոպեին մոտը դույլ չկար, հանեց մի ոտքի կոշիկը և, ջուր վերցնելով, բերեց շաղ տվեց փոսի վրա։ Հետո հարցրեց.
— Էլ բան կա՞ անելու։
— Էլ ոչինչ չկա,— պատասխանեց Աղվեսը։— Այժմ կարող ենք գնալ։ Մի քսան րոպեից հետո դու կգաս այստեղ ու կգտնես բուսած ծառը, որի ճյուղերի վրա լիքը փող կլինի։
Խեղճ Պինոքիոն, ուրախությունից խելքը թռցրած, հազար անգամ շնորհակալություն հայտնեց Աղվեսին ու Կատվին և դեռ մի հրաշալի էլ նվեր խոստացավ։
— Մենք նվեր չենք ուզում,— պատասխանեցին այն երկու անիծյալները։— Հերիք է և այն, որ քեզ սովորեցրինք առանց չարչարանքի հարստանալու ձևը։ Այժմ անչափ գոհ ենք։
Այդ ասելով, հրաժեշտ տվին Պինոքիոյին, առատ բերք ցանկացան ու գնացին իրենց գործին։
XIX. Պինոքիոյի ոսկեդրամները թալանում են, իրեն էլ իբրև պատիժ՝ չորս ամիս բանտ նստեցնում
Բուրատինոն նորից վերադարձավ քաղաք և սկսեց րոպեները մեկ առ մեկ հաշվել։ Երբ նրան թվաց, որ արդեն ժամանակն է, կրկին բռնեց դեպի Հրաշքների Դաշտ տանող ճանապարհը։
Շտապ քայլելուց սրտի խփոցն ուժեղանում էր ու թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ անում՝ իսկական սենյակի ժամացույցի նման։ Մինչդեռ ինքը գնում էր ու մտածում։
— Իսկ եթե հազար ոսկու փոխարեն ճյուղերի վրա երկու հազար հատ լինի՞․․․ Իսկ եթե երկու հազարի փոխարեն՝ հինգ հազար լինի՞․․․ Իսկ եթե հինգ հազարի փոխարեն հարյուր հազար չինի՞․․․ Օ՜, ի՜նչ հարուստ կդառնայի այն ժամանակ․․․ Կցանկանայի մի գեղեցիկ ապարանք ունենալ, հազար հատ փայտե ձի ու հազար հատ էլ ախոռ, որպեսզի կարողանայի զվարճանալ, մի մառան լիկյորով ու կոնյակով լիքը և, վերջապես, մի հատ էլ խանութ, որ ամբողջապես մուրաբաներով, տորթերով, փախլավաներով, նուշով ու գաթաներով լցված լիներ։ Այսպիսի երազանքներով հասավ դաշտ ու կանգ առավ, որպեսզի նայի՝ տեսնելու համար, թե կարո՞ղ է արդյոք նկատել ճյուղերից ոսկի կախված որևէ ծառ, բայց ոչինչ չտեսավ։ Մի հարյուր քայլ էլ առաջ գնաց, էլի ոչինչ։ Մտավ դաշտ․․․ գնաց դեպի այն փոքրիկ փոսը, որտեղ փողերը թաղել էր՝ էլի ոչի՛նչ։ Այն ժամանակ մտքերի մեջ ընկավ և, մոռանալով քաղաքավարությունն ու քաղաքավարի շարժումները, գլուխը մի երկար քորեց։
Ականջը մի ծիծաղի ձայն ընկավ։ Գլուխը վեր բարձրացրեց և տեսավ ծառի վրա մի մեծ Թութակ, որը դուրս էր տալիս իր փետուրները։
— Ինչո՞ւ ես ծիծաղում,— բարկությամբ հարցրեց նրան Պինոքիոն։
— Ծիծաղում եմ, որովհետև փետուրներս քաշելու ժամանակ թևերիս տակ խուտուտ եկավ։
Բուրատինոն պատասխան չտվեց։ Գնաց լճակի մոտ և նորից կոշիկը ջուր լցնելով, սկսեց ջրել այն տեղը, որտեղ թաղված էին ոսկիները։
Բայց ահա էլի ծիծաղի ձայն տարածվեց դաշտի լուռ ամայության մեջ, որը է՛լ ավելի անպատկառ էր, քան առաջինը։
— Վերջապես,— բղավեց Պինոքիոն կատաղությամբ,— չի՞ կարելի իմանալ, անդաստիարակ Թութակ, թե ինչի վրա ես ծիծաղում։
— Ծիծաղում եմ այն անխելքների վրա, որոնք ամեն մի հիմարության հավատում են, թույլ տալով, որ իրենցից խորամանկները խաբեն իրենց։
— Գուցե խոսքդ ի՞նձ է վերաբերում։
— Այո, քե՛զ, ողորմելի Պինոքիո, քե՛զ, որ այնքան միամիտ ես, որ հավատացել ես, թե փողը կարելի է դաշտում ցանել ու հավաքել, ինչպես լոբին ու դդումը։ Ես էլ եմ կյանքիս մեջ մի անգամ հավատացել, որի համար էլ մինչև այսօր պատիժս կրում եմ։ Այժմ (բայց, դժբախտաբար, չափազանց ուշ) արդեն համոզվել եմ, որ մի քանի կոպեկ ազնվորեն իրար գցելու համար անհրաժեշտ է վաստակել կա՛մ սեփական ձեռքի աշխատանքով, կա՛մ սեփական խելքով։
— Ես քեզ չեմ հասկանում,— ասաց բուրատինոն, որ արդեն սկսում էր վախից դողդողալ։
— Համբերիր, հիմա ավելի պարզ կբացատրեմ,— ավելացրեց Թութակը։— Լսիր, ուրեմն, երբ դու քաղաքում էիր, Աղվեսն ու Կատուն ետ եկան, վերցրին քո հորած ոսկիներն ու քամու պես սլացան։ Հիմա տղա կասեմ, ով նրանց հասնի։
Պինոքիոն մնաց բերանը բաց և, չցանկանալով հավատալ Թութակի խոսքերին, սկսեց ձեռքերով ու եղունգներով փորել ջրած հողը։ Փորեց, փորեց մինչև որ մի այնպիսի խոր փոս արեց, որտեղ մի խուրձ խոտ կտեղավորվեր, բայց փողերն այլևս այնտեղ չէին։
Այն ժամանակ կատաղի զայրույթով համակված վազեց քաղաք և գնաց ուղիղ դատարան՝ իրեն թալանող այդ երկու ավազակների մասին դատավորին հայտնելու։
Դատավորը Գորիլլա ցեղին պատկանող մի կապիկ էր, մի ծեր կապիկ, հարգելի՝ խորին ծերության, ճերմակ մորուքի և հատկապես ոսկյա, բայց անապակի ակնոցների համար, որ ստիպված էր միշտ կրել. արդեն մի քանի տարի էր, ինչ նրա աչքերը բորբոքված էին, որից նա խիստ տանջվում էր։
Պինոքիոն դատավորի ներկայությամբ մեկ առ մեկ պատմեց այդ խարդախ հանցագործության մասին, որի զոհն էր ինքը։ Ասաց անունները, ազգանունները, նշանները և վերջացրեց արդարադատություն խնդրելով։
Դատավորը նրան լսեց մեծ համբերությամբ, աշխույժ մասնակցեց պատմությանը, վշտակցեց, հուզվեց և, երբ Պինոքիոն այլևս ասելու բան չուներ, մեկնեց ձեռքը և զանգ տվեց։
Զանգի ձայնի վրա իսկույն հայտնվեցին երկու բակապահ շուն, հագնված ոստիկանների նման։
Դատավորը, Պինոքիոյին մատնացույց անելով, ասաց նրանց.
— Այս խեղճ երեխայի չորս ոսկիները թալանել են, հետևապես, ձերբակալեցեք սրան և անմիջապես գցեք բանտը։
Լսելով այս դատավճիռը, բուրատինոն շշմեց-մնաց. ուզեց բողոքել, բայց ոստիկաններն առանց ժամանակ կորցնելու, իսկույն նրա բերանը փակեցին ու բանտ տարան։
Պինոքիոն բանտում մնաց չորս ամիս, չորս երկար ու ձիգ ամիս։ Գուցե ավելի շատ մնար, եթե մի բարեբախտ դեպք չպատահեր։ Երիտասարդ կայսրը, որ իշխում էր Աքիապա-չիտրուլլի քաղաքում, իր թշնամիների դեմ հաղթություն տանելուց հետո հրամայեց անցկացնել զանգվածային մեծ տոնախմբություն՝ հրավառություն, ձիարշավ, հեծանվավազք և, ի նշան ավելի մեծ ուրախության, ուզեց, որ բանտերի դռները բաց անեն, ազատ արձակելով բոլոր կարգի ավազակներին։
— Եթե բանտից բոլորն էլ գնում են, ես էլ եմ ցանկանում գնալ,— ասաց Պինոքիոն բանտապետին։
— Դուք՝ ո՛չ,— պատասխանեց բանտապետը,— որովհետև դուք լավերի թվից չեք․․․
— Ներեցեք,— ասաց Պինոքիոն,— ես էլ եմ ավազակ։
— Այդ դեպքում հազար անգամ ներողություն,— պատասխանեց բանտապետը և, հարգանքով գլխարկը հանելով ու հաջողություն մաղթելով, բաց արեց Պինոքիոյի առաջ բանտի դռները։
XX. Բանտից ազատվելուց հետո Պինոքիոն ճամփա է ընկնում դեպի Ֆեյայի տուն, բայց հանդիպում է մի սարսափելի օձի, հետո էլ ընկնում թակարդը
Պատկերացրեք Պինոքիոյի ուրախությունը՝ իրեն ազատ զգալուց հետո։ Առանց մտածելու ի՛նչ է, ինչ չէ, իսկույն դուրս եկավ քաղաքից և նորից բռնեց այն ճանապարհը, որը նրան Ֆեյայի տնակն էր տանելու։
Անձրևի պատճառով ճանապարհն այնպես էր, որ ոտք դնելիս մինչև ծունկը խրվում էր ցեխի մեջ։
Բայց բուրատինոն դրա վրա ուշադրություն չէր դարձնում։
Հորը և կապույտ մազերով քրոջը կրկին տեսնելու ցանկությամբ լցված, որսի շան նման այնպես էր ցատկոտելով վազում, որ ցեխի ցայտքերը մինչև գլխարկին էին հասնում։ Նա վազում էր և ինքն իրեն խոսում.
— Քանի՜-քանի դժբախտություններ պատահեցին․․․ Տե՛ղն է ինձ, որովհետև համառ ու ինքնագլուխ բուրատինո եմ․․․ ուզում եմ, որ ամեն բան իմ ասածով լինի, չլսելով նրանց, որոնք իմ լավն են ուզում, որոնք հազար անգամ ինձանից շատ են հասկանում․․․ Բայց սրանից հետո ամեն ինչ պիտի անեմ, որպեսզի կյանքս փոխեմ և մի խելացի ու լսող տղա դառնամ․․․ Որովհետև տեսնում եմ, որ այն երեխաները, որոնք չեն լսում, բոլորի աչքից էլ ընկնում են ու կյանքում հաջողություն չեն ունենում։ Տեսնես հայրս էլ ինձ սպասո՞ւմ է․․․ Տեսնես նա Ֆեյայի տանը կլինի՞։ Ինչքա՜ն ժամանակ է խեղճ մարդուն չեմ տեսել․․․ Տեսնես Ֆեյան կների՞ իմ վատ արարքները․․․ Ինչքա՜ն էր ուշադիր ու սիրալիր իմ նկատմամբ․․․ Եթե այսօր դեռ ապրում եմ, միայն նրա շնորհիվ․․․ Կարելի է մի երեխա գտնել, որն այնքան անխիղճ ու երախտամոռ լինի, ինչպիսին ես եմ․․․
Այսպես խոսելու ժամանակ՝ մեկ էլ հանկարծ սարսափահար կանգ առավ ու մի չորս քայլ ետ գնաց։
Ի՞նչ էր տեսել։
Ճանապարհին փռված մի հսկայական Օձ, որի մաշկը կանաչ էր, աչքերը՝ կրակի գույն, իսկ պոչն էլ չալիկ-մալիկ, որի ծայրից, ինչպես բուխարուց, ծուխ էր ելնում։
Հնարավոր չէ պատկերացնել բուրատինոյի սարսափը։ Նա, կես կիլոմետրից էլ ավելի հեռացավ, նստեց մի քարակույտի վրա և սկսեց սպասել, մինչև որ օձը գնա իր գործին ու բաց անի ճանապարհը։
Սպասեց մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ, բայց Օձը դեռ միշտ իր տեղում էր, և հեռվից նույնիսկ երևում էր նրա հրագույն աչքերի կարմրին տալն ու պոչի ծայրից բարձրացող ծխի սյունը։ Ցանկանալով ցույց տալ իր համարձակությունը, Պինոքիոն մոտեցավ, կանգնեց մի քանի քայլի վրա և, ձայնը քաղցրացնելով, մեղմորեն ասաց Օձին.
— Ներեցեք, սինյոր Օձ, խնդրում եմ բարի լինեք և մի փոքր այն կողմ քաշվեք, որպեսզի ես կարողանամ անցնել։
Միևնույնն է թե պատին ասեին՝ տեղիցն էլ չշարժվեց։ Պինոքիոն կրկին դիմեց Օձին միևնույն բարակ ձայնով.
— Պետք է հասկանաք, սինյոր Օձ, որ ես տուն եմ gնում, այնտեղ սպասում է ինձ իմ հայրը, որին շատ երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել․․․ Բարի չե՞ք լինի, հետևապես, թույլ տալ, որ ես շարունակեմ իմ ճանապարհը։
Սպասեց որևէ պատասխան ստանալու, սակայն՝ ո՛չ մի պատասխան։ Ավելին, եթե մինչ այդ նա մի աշխույժ ու կենսուրախ Օձ էր թվում, այժմ անշարժացավ և գրեթե տեղն ու տեղը սառեց։ Աչքերը փակվեցին, պոչն էլ դադարեց ծփալ։
— Մի՞թե իսկապես սատկել է,— ասաց Պինոքիոն՝ ուրախությունից ձեռքերն իրար շփելով և, առանց երկար մտածելու, ուզեց լոք տալ Օձի վրայով՝ այն կողմն անցնելու համար։ Բայց ոտքը դեռ մինչև վերջ չէր էլ բարձրացրել, երբ Օձն անսպասելի վեր ձգվեց սեղմած ու բաց թողած զսպանակի նման։ Բուրատինոն սարսափից ետ փախչելու ժամանակ սայթաքեց ու վայր ընկավ։
Եվ հակառակի նման այնպես էլ վատ ընկավ, որ փողոցի ցեխի մեջ գլուխը թաղված, ոտքերն էլ ցցված մնացին։
Տեսնելով բուրատինոյի գլուխը ցեխի մեջ, ոտքերն էլ վեր տնկած ու անասելի արագությամբ թափահարելիս, Օձին մի այնպիսի ծիծաղ բռնեց, որ ծիծաղեց, ծիծաղեց, ծիծաղեց և, վերջապես, զոռից կրծքի երակներից մեկը պատռվեց ու այս անգամ իսկապես սատկեց։
Այն ժամանակ Պինոքիոն նորից սկսեց վազել, որպեսզի մինչև մութն ընկնելը հասնի Ֆեյայի տուն։ Բայց ճանապարհին, չկարողանալով այլևս դիմանալ քաղցին, թռավ ընկավ մի այգի՝ խաղողի մի քանի պտուղ ուտելու ցանկությամբ։ Բայց երանի մտած չլիներ․․․
Դեռ խաղողի թփին էլ չէր հասել, մեկ էլ՝ չրը՛խկ և ոտքերը լռվեցին սուր երկաթների մեջ, ու նա շրջվեց այնպես, որ կարող էր երկնքի աստղերը հաշվել։
Խեղճ բուրատինոն ընկել էր թակարդը, որ գյուղացիներն էին դրել այնտեղ՝ մոտակա հավաբների թշնամի մի քանի մեծ կզաքիսներին բռնելու համար։
XXI. Մի գյուղացի բռնում է Պինոքիոյին և ստիպում է հավաբնի մոտ պահակ շան դեր կատարել
Պինոքիոն, ինչպես կարող եք պատկերացնել, սկսեց լաց լինել, ճղղալ, աղաչել. բայց անօգուտ լաց ու կոծ, որովհետև ո՛չ շրջակայքում տուն էր երևում, ո՛չ էլ ճանապարհով մարդ էր անցնում։
Մինչդեռ արդեն գիշերը վրա հասավ։
Մի կողմից թակարդի հասցրած ցավի պատճառով, մյուս կողմից էլ գիշերն այդտեղ մենակ մնալու վախից բուրատինոյի ուշքը գրեթե գնում էր, երբ հանկարծ նկատեց գլխի վերևից անցնող մի լուսատտիկ, որին ձայն տվեց ու ասաց.
— Օ՜, Լուսատտիկ, մի լավություն չե՞ս անի ինձ՝ այս տանջանքից ազատելու համար․․․
— Խե՜ղճ տղա,— պատասխանեց Լուսատտիկը, կանգ առնելով և կարեկցորեն նրան նայելով։— Ինչպե՞ս է պատահել, որ ոտքերդ այդ երկաթյա սուր աքցանի մեջ են մնացել։
— Մտա այգի, որ մի երկու ճութ խաղող քաղեմ, և․․․
— Իսկ խաղողը քո՞նն էր։
— Չէ՛․․․
— Այդ դեպքում քեզ ո՞վ է սովորեցրել ուրիշի ապրանքը գողանալ։
— Քաղցած էի․․․
— Քաղցը, տղաս, մեզ իրավունք չի տալիս յուրացնել այն, ինչ մեզ չի պատկանում․․․
— Ճիշտ է, ճիշտ է,— լաց լինելով ասաց Պինոքիոն, — մյուս անգամ էլ այդպիսի բան չեմ անի։
Հենց այդ պահին խոսակցությունն ընդհատվեց ոտքերի հազիվ լսելի ձայնով, որը հետզհետե մոտենում էր։ Դա այգու տերն էր, որ ոտքերի ծայրերի վրա գալիս էր տեսնելու, թե գիշերները հավեր ուտող այն կզաքիսներից որևէ մեկը չի՞ ընկել արդյոք թակարդը։
Եվ զարմանքից գլուխը կպավ, երբ վերարկուի տակից վեր բարձրացնելով լապտերը, տեսավ, որ կզաքիսի փոխարեն թակարդը մի տղա է ընկել։
— Ահա՜, գո՛ղ ավազակ,— կատաղած բղավեց գյուղացին,— ուրեմն այդ դու ես իմ հավեր գողացողը։
— Ես չե՜մ, ես չե՜մ,— հեծկլտալով ասաց Պինոքիոն։— Ես այգի մտա երկու ճութ խաղողի համար․․․
— Ով խաղող է գողանում, կարող է հավ էլ գողանալ։ Սպասի՛ր, հիմա ես քեզ այնպիսի մի դաս տամ, որ մինչև կյանքիդ վերջը չմոռանաս։ Եվ բաց անելով թակարդը, բռնեց Պինոքիոյի ծոծրակից ու այդպես կախ գցած, կատվի ձագի նման, տարավ մինչև տուն։
Հասնելով տան բակը, Պինոքիոյին նետեց գետին ու մի ոտքը նրա վզին դնելով ասաց.
— Արդեն ուշ է, գնում եմ քնելու։ Մեր հաշիվները քեզ հետ վաղը կմաքրենք։ Իսկ մինչ այդ, որովհետև իմ գիշերվա պահակ շունը այսօր սատկել է, դու կբռնես նրա տեղը, պահակ շան դեր կկատարես։
Ասածն արած էր, Պինոքիոյի վիզը մի հաստ կապ անցկացրեց, որն ամբողջապես պատված էր մետաղյա կեռիկներով, և այնպես ձգեց, որ էլ ոչ մի կերպ հնարավոր չլիներ գլուխը միջից հանել։ Այդ կապից էլ մի երկաթյա երկար շղթա էր գցած, որը իր հերթին կապած էր պատից։
— Եթե գիշերը անձրև գա,— ասաց գյուղացին,— դու կարող ես մտնել փայտյա շնաբունը, որտեղ փռած ծղոտ կա։ Այդ ծղոտը չորս տարի իմ խեղճ շան համար անկողնու դեր էր կատարում։ Իսկ եթե դժբախտաբար գողեր գան, ապա ականջներդ սուր պահիր և հաչիր։
Այս վերջին նախազգուշացումն անելուց հետո, գյուղացին տուն մտավ ու դռան ետևը մի հսկայական փակ գցեց։ Խեղճ Պինոքիոն մնաց բակում կապած՝ ցրտի, քաղցի և վախի պատճառով ավելի շուտ մեռած, քան կենդանի։ Նա մերթընդմերթ ձեռքը ջղաձգորեն վզի կապի տակ խրելով լաց էր լինում ու կրկնում.
— Ինձ տեղն է․․․ շատ էլ տեղն է․․․ Ծուլություն էի անում, թափառում էի․․․ Լսում էի վատ ընկերներիս, և դրա համար էլ բախտը միշտ ինձ հետապնդում է։ Եթե լավ տղա լինեի, ինչպես շատ-շատերը, եթե ուզենայի սովորել և աշխատել, եթե տանը մնայի խեղճ հորս հետ, հիմա այստեղ չէի լինի, այս այգիների մեջ, և պահակ շան դեր չէի կատարի մի գյուղացու տան առաջ։ Ա՜խ, եթե կարողանայի նորից ծնվել․․․ Բայց հիմա արդեն ուշ է, այժմ արդեն պետք է համբերել։
Այսպես, դատապարտելով ինքն իրեն, ուղղակի սրտի խորքից, նա ներս մտավ շնաբունը և քնեց։
XXII. Պինոքիոն հայտնաբերում է գողերին և իր հավատարիմ ծառայության փոխարեն ազատություն ստանում
Եվ այդպես, Պինոքիոն արդեն երկու ժամից ավելի քնած էր քաղցր քնով, երբ կեսգիշերվա դեմ բակում լսվող մի տարօրինակ քչփչոցի ու փսփսոցի ձայնից արթնացավ։ Շնաբնի անցքից քթի ծայրը դուրս հանելով, տեսավ իրար հետ խարհրդակցող չորս սևամազ կենդանու, որոնք կատվի էին նման։ Բայց կատու չէին, այլ կզաքիսներ, պտղակեր կենդանիներ, որոնք հատկապես խաղողի ու հավի թխլիկ ճուտերի սիրահարներ են։ Այս կզաքիսներից մեկը իր ընկերներից ետ ընկնելով, մոտեցավ շնաբնի անցքին և կիսաձայն ասաց.
— Բարի երեկո, Մելամպո։
— Իմ անունը Մելամպո չէ,— պատասխանեց բուրատինոն։
— Այդ դեպքում դու ո՞վ ես։
— Ես Պինոքիոն եմ։
— Իսկ այստեղ ի՞նչ ես անում։
— Պահակ շան դեր եմ կատարում։
— Իսկ Մելամպոն ո՞ւր է։ Որտե՞ղ է հին շունը, որը այս բակում էր ապրում։
— Այսօր առավոտյան սատկել է։
— Սատկե՞լ է։ Խե՜ղճ կենդանի. Այնքա՜ն բարի էր․․․ Բայց դատելով քո դեմքից, դու էլ խելոք շուն ես երևում։
— Ներեղություն, ես շուն չեմ։
— Այդ դեպքում ո՞վ ես։
— Ես բուրատինո եմ։
— Եվ պահակ շան դե՞ր ես կատարում։
— Դժբախտաբար։ Որպես պատիժ։
— Լավ, ես քեզ առաջարկում եմ միևնույն պայմանները, որ ունեի հանգուցյալ Մելամպոյի հետ։ Եվ դու շատ գոհ կմնաս։
— Իսկ այդ ի՞նչ պայմաններ են։
— Մենք շաբաթը մեկ անգամ, ինչպես և առաջ էինք անում, գիշերը կգանք այս հավաբունն այցելելու և ութ հատ հավ կտանենք։ Այդ հավերից յոթը մենք կտանենք, իսկ մեկն էլ քեզ կտանք, բայց լավ իմացիր, այն պայմանով, որ դու քնած ձևանաս և հիմարություն չանես հաչել ու արթնացնել գյուղացուն։
— Մելապո՞ն էլ էր այդպես անում,— հարցրեց Պինոքիոն։
— Այդպես էր անում, և մեր ու նրա միջև միշտ համերաշխություն էր տիրում։ Ուրեմն հանգիստ քնիր և հավատա, որ գնալուց առաջ շնաբնի վրա մի փետրած հավ կթողնենք՝ քո վաղվա նախաճաշի համար։ Իրար լավ հասկացա՞նք։
— Նույնիսկ չափազանց լավ,— պատասխանեց Պինոքիոն և գլուխն այնպես սպառնալից տմբտմբացրեց, կարծես ուզում էր ասել. «Մի քիչ հետո մենք դեռ այդ մասին կխոսենք»։
Երբ չորս կզաքիսներն էլ արդեն համոզվեցին անվտանգության մեջ, անմիջապես ուղևորվեցին հավաբուն, որը շան բնի հենց կողքին էր։ Ատամներով ու ճանկերով արագորեն բաց անելով հավաբունը փակող դռնակը, նրանք իրար ետևից ներս խցկվեցին։ Բայց դեռ ինչպես հարկն է չէին տեղավորվել, երբ զգացին, որ դուռը ուժգնորեն փակվեց։
Դուռը փակողը Պինոքիոն էր, որը դրանով չբավարարվելով, դեռ մի մեծ քար էլ թեք դրեց դռան առաջ՝ ավելի մեծ ապահովության համար։ Այնուհետև սկսեց դռնապահ շան նման հաչել հա՛ֆ-հա՛ֆ, հա՛ֆ-հա՛ֆ։
Հաչոցի վրա գյուղացին տեղից վեր թռավ, վերցրեց հրացանը և մոտենալով լուսամուտին, հարցրեց.
— Ի՞նչ կա էլի։
— Գողեր կան,— պատասխանեց Պինոքիոն։
— Որտե՞ղ են։
— Հավաբնում։
— Այս րոպեիս գալիս եմ։
Եվ, իսկապես, գյուղացին վազելով եկավ մտավ հավաբուն, չորս կզաքիսներին էլ բռնեց, գցեց պարկի մեջ և մեծ գոհունակությամբ ասաց նրանց.
— Վերջապես ձեռքս ընկաք։ Ես ձեզ կարող էի պատժել, բայց այդքան դաժան չեմ։ Կբավարարվեմ միայն վաղը ձեզ հարևան գյուղի ճաշարանը տանելով, որտեղ բոլորիդ էլ կքերթեն ու կեփեն՝ չաղլիկ ու համեղ նապաստակների նման։ Դա ձեզ համար մեծ պատիվ է, որին արժանի չեք, բայց մեծահոգի մարդիկ, ինչպես ես եմ, այդպիսի մանր-մունր բաներին ուշադրություն չեն դարձնում․․․
Այնուհետև, մոտենալով Պինոքիոյին, սկսեց հազար ու մի տեսակ նրան փաղաքշել և միևնույն ժամանակ հարցրեց.
— Ինչպե՞ս հայտնաբերեցիր այս չորս ավազակների դավադրությունը։ Բանն այն է, որ Մելամպոն, իմ հավատարիմ Մելամպոն, երբեք այդպիսի բան չէր նկատել․․․
Բուրատինոն, իհարկե, կարող էր պատմել այն բոլորը, ինչ հայտնի էր իրեն, կարող էր պատմել շան և կզաքիսների միջև եղած պայմանավորվածության մասին, բայց հիշելով, որ շունն արդեն սատկել է, անմիջապես ինքն իրեն մտածեց. «Ին՞չ օգուտ կա մեռածներին մեղադրելուց․․․ Մեռածները՝ մեռած են, և ամենալավ բանը, որ կարելի է անել, այդ նրանց հանգիստ թողնելն է․․․»։
— Կզաքիսների բակը մտնելու ժամանակ արթո՞ւն էիր, թե քնած,— շարունակեց հարցնել նրան գյուղացին։
— Քնած էի,— պատասխանեց Պինոքիոն,— բայց կզաքիսներն իրենց փսփսոցով ինձ արթնացրին։ Մեկն էլ եկել էր այստեղ, այս բնի մոտ, ինձ ասելու, որ ես խոստանամ չհաչել և չարթնացնել տանտիրոջը։ Դրա համար նրանք ինձ մի լավ փետրած ճուտ խոստացան․․․ Հասկանո՞ւմ եք։ Այնքան անամոթ լինել, որ ինձ այդպիսի առաջարկություն անել։ Ճիշտ է, ես բուրատինո եմ և գուցե ունենամ այս աշխարհին յուրահատուկ բոլոր թերությունները, բայց ինչ վերաբերում է անազնիվ մարդկանց գործերին խառնվելուն, գողերին օգնելուն՝ երբե՛ք։
— Կեցցե՜ս, տղա՛ս,— բացականչեց գյուղացին, խփելով նրա ուսին։— Այդ զգացմունքները քեզ պատիվ են բերում։ Եվ ես իմ գոհունակությունն ապացուցելու համար այս րոպեիս բաց եմ թողնում, որ գնաս տուն։
Եվ Պինոքիոյի վզից հանեց շան կապը։
XXIII. Պինոքիոն ողբում է կապույտ մազերով փոքրիկ, գեղեցիկ աղջկա մահը։ Այնուհետև մի աղավնի է գտնում, որը նրան տանում է ծովափ, նետվում է ծովը՝ իր հայր Ջեպետտոյին օգնելու համար
Հենց որ Պինոքիոն դադարեց զգալ պարանոցը ճնշող ստորացուցիչ շնակապի ծանրությունը, սկսեց փախչել այգիների միջով, և ոչ մի րոպե կանգ չառավ, մինչև որ հասավ կենտրոնական փողոց, որը նրան կրկին տանելու էր Ֆեյայի տուն։
Կենտրոնական փողոց հասնելուց հետո շուռ եկավ՝ ներքևում գտնվող հարթավայրին նայելու։ Հրաշալի երևում էր այն անտառը, որտեղ նա դժբախտաբար հանդիպել էր Աղվեսին ու Կատվին, երևում էր նույնպես ծառերի միջից վեր բարձրացող այն մեծ Կաղնու գագաթը, որտեղից կախված էր եղել ինքը, բայց ինչքան էլ այս ու այն կողմ նայեց, հնարավոր չեղավ տեսնել կապույտ մազերով գեղեցիկ ու փոքրիկ աղջկա տնակը։
Այն ժամանակ նրան պատեց ինչ-որ տխուր նախազգացում։ Վերջին ուժերը հավաքելով, նորից սկսեց վազել և մի քանի րոպեից հետո հասավ այն մարգագետնին, որտեղ առաջ սպիտակ տնակն էր բարձրանում։ Բայց սպիտակ տնակն այլևս չկար։ Նրա տեղը գտնվում էր մի փոքրիկ մարմարյա քար, որի վրա փորագրված էին այս տխուր բառերը.
ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳՉՈՒՄ Է ԿԱՊՈՒՅՏ ՄԱԶԵՐՈՎ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ,
ՈՐԸ ՎՇՏԻՑ ՄԱՀԱՑԱՎ, ԵՐԲ ԻՐ ՓՈՔՐԻԿ ԵՂԲԱՅՐ ՊԻՆՈՔԻՈՆ ԼՔԵՑ ՆՐԱՆ
Թե ինչ պատահեց Պինոքիոյին՝ գիրկապ անելով այս բառերը կարդալուց հետո, ձեզ եմ թողնում պատկերացնելու։
Նա երեսի վրա փռվեց գետնին և, բյուր համբույրներով ծածկելով մարմարյա գերեզմանաքարը, սկսեց ողբալ ու հեկեկալ։ Ողբաց ողջ գիշերը և հաջորդ օրը՝ առավոտյան լուսաբացին դեռ շարունակում էր ողբալ, թեև աչքերում այլևս արցունքներ չկային։ Եվ նրա լացն ու դառը տրտունջներն այնքան սուր ու բարձրաձայն էին, որ շրջակայքի ողջ բլուրներն էլ արձագանքում էին։
Նա լաց էր լինում ու ասում.
— Ա՜խ, իմ բարի Ֆեյա, ինչո՞ւ ես մեռել․․․ ինչո՞ւ քո փոխարեն չմեռա ես, որ այսքան վատ տղա եմ։ Չէ՞ որ դու անչափ բարի էիր․․․ Իսկ հայրս, որտե՞ղ գտնեմ ես նրան։ Օ՜, բարի Ֆեյա, ասա, որտե՞ղ կարող եմ գտնել նրան, որպեսզի սրանից հետո միշտ ապրեմ նրա հետ և այլևս չլքեմ նրան, չլքեմ, չլքեմ․․․ Ա՜խ, բարի Ֆեյա, ասա, որ դու չես մեռել․․․ եթե իսկապես սիրում ես ինձ․․․ եթե սիրում ես քո փոքրիկ եղբորը․․․ կենդանացի՛ր կրկին․․․ վերադարձի՛ր կենդանի՝ ինչպես առաջ էիր․․․ մի՞թե չես խղճում՝ տեսնելով ինձ մենակ ու լքված բոլորի կողմից, եթե կրկին գան ավազակները, ինձ նորից կկախեն ծառի ճյուղից․․․. Եվ այն ժամանակ ես հավիտյան կմեռնեմ։ Ես մենակ ի՞նչ կարող եմ անել այս աշխարհում։ Այժմ, երբ կորցրել եմ քեզ և հորս, ո՞վ ինձ կկերակրի։ Ո՞ւր գնամ գիշերները քնելու համար։ Ո՞վ ինձ համար նոր բլուզ կկարի։ Ա՜խ, լավ կլիներ, հազար անգամ լավ կլիներ, եթե ես էլ մեռնեի։ Այո՛, թող ես էլ մեռնեմ, իհի՛, իհի՛, իհի՛․․․
Եվ այդ հուսալքության պահին բուրատինոն ձեռքը տարավ դեպի գլուխը, որ մազերը պոկի, բայց որովհետև մազերը փայտից էին, չկարողացավ նույնիսկ մատները մազերի մեջ խրել՝ գոնե իր ցանկությանը մի փոքր բավարարություն տալու համար։
Այդ ժամանակ վերևից անցնող մի մեծ աղավնի թևերը փռած կանգ առավ և ձայն տվեց իր բարձրությունից.
— Ասա՛ ինձ, փոքրիկ տղա, ի՞նչ ես անում այդտեղ, ներքևում։
— Չե՞ս տեսնում, որ լաց եմ լինում,— պատասխանեց Պինոքիոն, վեր բարձրացնելով գլուխը դեպի ձայնի կողմը և բլուզի թևերով աչքերը տրորելով։
— Ասա՛ ինձ,— վրա բերեց այն ժամանակ Աղավնին,— չե՞ս ճանաչում, արդյոք, քո ընկերների մեջ մի բուրատինոյի, որի անունը Պինոքիո է։
— Պինոքիո՞․․․ ասացիր Պինոքիո՞,— կրկնեց բուրատինոն, անմիջապես տեղից վեր թռչելով։— Պինոքիոն ե՛ս եմ։
Այդ պատասխանի վրա Աղավնին սուրաց ներքև ու կանգնեց գետնին։ Նա հնդկահավից մեծ էր։
— Ուրեմն, երևի Ջեպետտոյին էլ ճանաչես։
— Երևի ճանաչե՞մ։ Նա իմ հա՛յրն է։ Գուցե քեզ պատմե՞լ է իմ մասին։ Ինձ չե՞ս տանի նրա մոտ։ Բայց նա դեռ ողջ-առո՞ղջ է․․․ Շո՛ւտ ասա, պատասխանի՛ր, կենդանի՞ է դեռ։
— Երեք օր է, ինչ ես նրան թողել եմ ծովափին։
— Ի՞նչ էր անում։
— Մի նավակ էր պատրաստում օվկիանոսի այն կողմն անցնելու։ Խեղճ մարդն արդեն չորս ամսից ավելի է, ինչ քեզ գտնելու համար շրջում էր ամբողջ աշխարհը և չի կարողանում գտնել։ Հիմա էլ գլուխն է մտել՝ ուզում է գնալ Նոր աշխարհի հեռավոր երկրներում որոնել։
— Ինչքա՞ն կլինի այստեղից մինչև ծովափ,— անհանգստացած հարցրեց Պինոքիոն։
— Հազար կիլոմետրից ավելի է։
— Հազար կիլոմե՞տր․․․ Ա՜խ, իմ Աղավնի, ինչքա՜ն լավ կլիներ, եթե քո թևերն իմը լինեին․․․
— Եթե ուզում ես գնալ, կարող եմ քեզ տանել այնտեղ։
— Ինչպե՞ս։
— Մեջքիս նստեցրած։ Շա՞տ ծանր ես։
— Ծա՞նր․․․ Ընդհակառակը, թեթև բմբուլ եմ։
Այլևս առանց երկար ու բարակ խոսելու Պինոքիոն թռավ Աղավնու մեջքին և, մի ոտքը այս կողմ գցելով, մյուսն այն կողմ, ինչպես ձիամարզիկներն են անում, ինքնագոհ գոչեց.
— Քառատրո՛փ արշավով, քառատրո՛փ արշավով, ձիուկ, որովհետև ինձ անհրաժեշտ է շուտ տեղ հասնել․․․
Հասնելով մի շատ արտասովոր բարձրության, բուրատինոն հետաքրքրությունից շուռ եկավ, որ ներքև նայի, բայց սարսափից գլուխն այնպես պտտվեց, որ վայր չընկնելու համար ձեռքն ամուր փաթաթեց իր փետրավոր նժույգի վզին։
Թռչեցին ամբողջ օրը։ Իրիկնադեմին Աղավնին ասաց.
— Ես անչափ ծարավ եմ։
— Ես էլ անչափ սոված,— վրա բերեց Պինոքիոն։
— Մի քանի րոպե կանգ առնենք այս աղավնատանը, որից հետո կշարունակենք մեր ճամփան։ Վաղը լուսադեմին ծովափին կլինենք։
Մտան մի ամայի աղավնատուն, որտեղ միայն մի փոքր թաս ջուր կար, մի լիքը զամբյուղ էլ վիկ։
Բուրատինոն վիկ տանել չէր կարող. նույնիսկ անունը լսելիս սիրտը խառնում էր և սկսում էր որձկալ, բայց այդ երեկո այնքան կերավ, որ էլ տեղ չմնաց։ Երբ կերել և գրեթե վերջացրել էր, շուռ եկավ դեպի Աղավնին և ասաց.
— Ես երբեք չէի կարծում, որ վիկն այսքան լավ կլինի։
— Անհրաժեշտ է համոզվել, տղաս,— պատասխանեց Աղավնին,— որ եթե մարդ իսկապես քաղցած է և ուտելու այլ բան չկա, ապա նույնիսկ վիկը գաթա է թվում։ Քաղցը ոչ համառություն գիտե, ոչ էլ լավն ու վատը ջոկել։
Թռչելուց առաջ մի փոքր նախաճաշեցին և, նորից ճամփա ընկնելով, հայդա՝ գնացին։ Հաջորդ առավոտյան հասան ծովափ։
Աղավնին վայր իջեցրեց Պինոքիոյին և, չցանկանալով նեղություն պատճառել լավության դիմաց շնորհակալություն հայտնելու համար, նորից սլացավ վեր և անհետացավ։
Ծովափը լեփ-լեցուն էր մարդկանցով, որոնք աղաղակում էին և, նայելով դեպի ծովը, ձեռքով-ոտքով էին անում։
— Այդ ի՞նչ է պատահել,— հարցրեց Պինոքիոն մի ծեր կնոջ։
— Այն է պատահել, որ մի խեղճ հայր իր փոքրիկ տղային կորցրել է, հիմա էլ մի նավակ է վերցրել, որպեսզի գնա ծովի այն կողմը նրան որոնելու։ Բայց ծովն այսօր այնքան գազազած է, որ հիմա որտեղ որ է նավակը կխորտակվի․․․
— Որտե՞ղ է այդ նավակը։
— Այ այնտեղ, մատիս ուղղությամբ,— պատասխանեց ծեր կինը, ցույց տալով մի նավակ, որն այդ տարածության վրա կարծես թե ընկույզի կճեպ լիներ, իսկ միջի մարդն այնքան փոքր, այնքան փոքր, որ հազիվ էր երևում։
Պինոքիոն աչքերը գցեց այն կողմը և, ուշադրությամբ դիտելուց հետո, մի սուր ճիչ արձակեց, բացականչելով.
— Դա իմ հա՛յրն է, դա իմ հա՛յրն է։
Մինչդեռ նավակը կատաղի ծովում մերթ անհետանում էր փրփրաբաշ ալիքների տակ, մերթ նորից հայտնվում։ Պինոքիոն մի բարձր քարափի ծայրին ցցված, չէր դադարում հորը ձայն տալուց ու ձեռքերով, թաշկինակով և նույնիսկ գլխարկով հազար ու մի տեսակ շարժումներ անելուց։ Եվ թվաց, թե Ջեպետտոն, թեկուզ և ափից անչափ հեռու, նույնպես ճանաչեց իր տղային, որովհետև նա էլ իր հերթին հանեց գլխարկը և ողջունեց, բազմաթիվ շարժումներով մի կերպ հասկացնելով, որ մեծ ուրախությամբ ետ կդառնար, բայց ծովն այնքան մեծ է, որ հնարավոր չէ թիակներով հաղթել նրան ու ափ հասնել։
Բոլորովին անսպասելի վրա հասավ մի սոսկալ ալիք և նավակն անհայտացավ։
Սպասեցին, որ նավակը կրկին ջրի երեսը բարձրանա, բայց այլևս այդպես էլ չերևաց։
— Խե՜ղճ մարդ,— ասացին ձկնորսները, որոնք այդ ժամանակ հավաքվել էին ափին և, կիսաձայն ինչ-որ աղոթք մրմնջալով, շարժվեցին դեպի իրենց տները։
Հենց այդ րոպեին նրանք մի հուսահատ ճիչ լսեցին և, շուռ գալով, տեսան մի փոքրիկ տղայի, որը քարափի ծայրից ծով նետվեց բացականչելով.
— Ես հորս փրկե՜լ եմ ուզում։
Պինոքիոն փայտից լինելով, հեշտությամբ մնաց ջրի երեսին և սկսեց լողալ, ինչպես ձուկ։ Նա մերթ անհայտանում էր, խորասուզվելով թավալվող ալիքների տակ, մերթ կրկին հայտնվում ափից հսկայական հեռավորության վրա։ Վերջապես մարդիկ նրան աչքներից կորցրին և այլևս չտեսան։
— Խե՜ղճ երեխա,— ասացին ձկնորսները, որոնք կրկին հավաքվել էին ափին և, կիսաձայն ինչ-որ աղոթք մրմնջալով, գնացին իրենց տները։
XXIV. Պինոքիոն գալիս է «Աշխատասեր Մեղուների» կղզին և նորից գտնում Ֆեյային
Պինոքիոն հորն օգնություն ցույց տալու համար ողջ գիշերը լող տվեց ժամանակին տեղ հասնելու հույսով։
Իսկ գիշերը որքա՜ն էր սարսափելի. հեղեղ, կարկուտ, ամպերի սոսկալի որոտ․․․ Մեկ-մեկ էլ կայծակն այնպես էր խփում, որ թվում էր, թե ցերեկ է։
Լուսադեմին նրան հաջողվեց նկատել ոչ հեռու գտնվող մի երկարավուն ցամաք։ Դա մի կղզի էր։
Նա ուժ գործադրեց՝ ափ դուրս գալու համար, բայց անօգուտ։ Թավալվող ալիքները հասնելով նրան, վերցնում էին ու ետ շպրտում, կարծես թե տաշեղի կամ ծղոտի կտոր լիներ։ Վերջապես նրա բախտից մի հսկայական և ուժեղ ալիք եկավ ու այնպես խփեց, որ նա ընկավ ափ, ավազների վրա։
Հարվածն այնքան ուժեղ էր, որ ափ ընկնելիս Պինոքիոյի կողերն ու հոդերը ճռճռացին, բայց ինքն իրեն անմիջապես մխիթարեց ասելով.
— Այս անգամ էլ լավ պրծա։
Երկինքը կամաց-կամաց պարզվեց, արևը դուրս եկավ ամբողջ իր փայլով, և ծովն էլ խաղաղվեց ու սկսեց շողշողալ, ասես երեսին յուղ էր քսած։ Բուրատինոն շորերը փռեց արևի տակ չորացնելու և սկսեց այս ու այն կողմ նայել. միգուցե պատահաբար ջրի այդ հսկայական հարթության վրա մի նավակ նկատեր՝ մարդը միջին։
Բայց ոչինչ չտեսավ, բացի երկնքից, ծովից ու ինչ-որ նավի առագաստից, այն էլ այնքա՜ն հեռու, այնքան հեռու, որ թվում էր, թե ճանճ է։
— Գոնե այս կղզու անունն իմանայի,— ասաց Պինոքիոն։— Գոնե իմանայի, թե այս կղզում քաղաքավարի՞ մարդիկ են բնակվում, թե չէ, ուզում եմ ասել՝ այնպիսի մարդիկ, որոնք չեն տառապում երեխաներին ծառերի ճյուղերից կախելու ախտով։ Բայց ո՞ւմ կարող եմ հարցնել, ո՞ւմ, քանի որ ոչ ոք չկա․․․
Մեծ ու անբնակ այդ երկրում. բոլորովին մեն-մենակ գտնվելու գիտակցությունը նրան այնքան հուզեց ու տխրեցրեց, որ էն է հա՛, լաց էր լինում, երբ հանկարծ ափից ոչ հեռու մի մեծ ձուկ նկատեց, որը շատ հանգիստ, գլուխն ամբողջապես ջրից դուրս հանած, իր գործին էր գնում։ Չիմանալով, թե ինչ է նրա անունը, բուրատինոն բարձր ձայնով գոռաց, որպեսզի լսել տա իրեն.
— Է՛յ, սինյոր Ձուկ, թույլ կտա՞ք ինձ միայն մի բառ։
— Երկուսն ասեք,— պատասխանեց Ձուկը, որը մի քաղաքավարի Դելֆին էր, ինչպիսին շատ քիչ կա ամբողջ աշխարհի ծովերում։
— Բարի չե՞ք լինի ասել ինձ, թե կա՞ արդյոք այս կղզում այնպիսի մի վայր, որտեղ կարելի է կերակրվել, առանց կերակուր դառնալու վտանգի։
— Իհարկե, կա,— պատասխանեց ԴելՖինը։— Այդպիսի մի վայր կգտնես հենց այստեղ ոչ հեռու։
— Իսկ ինչպե՞ս կարելի է գնալ այնտեղ։
— Պետք է բռնես ահա այն ձախ կողմի շավիղը ու քայլես միշտ քթիդ ուղղությամբ։ Երբեք չես սխալվի։
— Ասացեք ինձ մի ուրիշ բան։ Դուք, որ շրջում եք ծովում ամբողջ ցերեկն ու գիշերը, չե՞ք հանդիպել պատահաբար մի փոքրիկ նավակի, որի մեջ իմ հայրն է։
— Իսկ քո հայրն ո՞վ է։
— Նա աշխարհի ամենալավ հայրն է, ինչպես ես՝ ամենավատ որդին, որ կարող է գոյություն ունենալ։
— Այս գիշեր փոթորկի ժամանակ,— պատասխանեց Դելֆինը,— նավակն ըստ երևույթին խորտակված կլինի։
— Իսկ հա՞յրս։
— Նրան էլ այդ ժամանակ կուլ տված կլինի Շնաձուկը, որը մի քանի օր է, ինչ եկել է մեր ջրերում մահ ու ավերածություն տարածելու։
— Իսկ այդ Շնաձուկը շա՞տ է մեծ,— հարցրեց Պինոքիոն, որ վախից սկսել էր արդեն դողդողալ։
— Հը՛մ, մեծ է․․․— պատասխանեց Դելֆինը։— Որպեսզի կարողանաս գաղափար կազմել, քեզ ասեմ, հինգհարկանի տանից մեծ է։ Մի այնպիսի լայն ու խոր բերան ունի, որ գնացքն իր շոգեքարշով հանգիստ կերպով ներս կմտնի։
— Մայրի՜կ,— բացականչեց սարսափահար բուրատինոն և, շտապ-շտապ նորից շորերը հագնելով, շուռ եկավ դեպի Դելֆինն ու ասաց.
— Մնաք բարով, սինյոր Ձուկ, ներեցեք պատճառածս նեղության համար և ընդունեք խորին շնորհակալությունս ձեր քաղաքավարության դիմաց։ Այսպես ասելով՝ անմիջապես բռնեց այն շավիղը և սկսվեց շտապ-շտապ քայլել, այնքան շտապ, որ թվում էր, թե վազում է։ Յուրաքանչյուր փոքրիկ շրշյուն լսելիս ետ էր դառնում, վախենալով տեսնել այն սարսափելի Ձկանը, որը հինգհարկանի տան չափ մեծ էր, և գնացքն էլ բերանի մեջ։
Կես ժամից հետո հասավ մի փոքրիկ բնակավայր, որը կոչվում էր «Աշխատասեր Մեղուների երկիր»։ Փողոցները եռում էին մարդկանցով, որոնք, տարված իրենց գործերով, այս ու այն կողմ էին վազվզում։ Բոլորն էլ աշխատում էին, բոլորն էլ մի բան ունեին անելու։ Եթե ճրագով էլ ման գայիր, չէիր կարող մի պարապ կամ թափառաշրջիկ մարդ գտնել։
— Հասկանալի է,— անմիջապես ասաց այդ ծույլ Պինոքիոն,— այս երկիրն ինձ համար չէ շինած, ես չեմ ծնվել աշխատելու համար։ Մինչդեռ քաղցը նրան տանջում էր, որովհետև արդեն գրեթե քսանչորս ժամ էր, ինչ նա բոլորովին ոչինչ, նույնիսկ մի վիկ չէր կերել։ Ի՞նչ անել։
Քաղցը հագեցնելու միայն երկու միջոց էր մնում, կամ մի փոքրիկ աշխատանք խնդրել, կամ մուրալ մի քանի սոլդո, կամ մի կտոր հաց։ Մուրացկանություն անելուց ամաչում էր, որովհետև հայրը միշտ խրատում էր, ասելով, որ մուրացկանություն անելու իրավունք ունեն միայն ծերերը և հաշմանդամները։ Այս աշխարհում իսկական աղքատները, որոնք կարիք են զգում օգնության ու կարեկցության, միայն նրանք են, ովքեր ծերության կամ հիվանդության պատճառով ի վիճակի չեն իրենց հացը սեփական ձեռքերով վաստակել։ Մյուսները պարտավոր են աշխատել, իսկ եթե չեն աշխատում ու մնում են քաղցած, ավելի վատ իրենց համար։
Այդ միջոցին փողոցով անցավ ամբողջովին քրտնած ու հեթեթացող մի մարդ, որը մեծ դժվարությամբ ածուխով լի երկու սայլակ էր քաշում։ Պինոքիոն նրան բարի մարդու տեղ դնելով, մոտեցավ և, ամոթից աչքերը կախ գցվելով, ասաց կիսաձայն.
— Բարի եղեք մի սոլդո փող տվեք ինձ, որովհետև քաղցից մեռնում եմ։
— Ոչ միայն մի սոլդո,— պատասխանեց ածխագործը,— այլ չորսն էլ հետը կտամ, բայց այն պայմանով, որ օգնես ինձ՝ այս երկու ածխի սայլակները քաշել մինչև տուն։
— Զարմանում եմ,— գրեթե վիրավորված պատասխանեց բուրատինոն,— թող ձեզ ի գիտություն լինի, որ ես երբեք էշություն չեմ արել. ես երբեք սայլակ չեմ քաշել։
— Ավելի վատ քեզ համար,— պատասխանեց ածխագործը,— այդ դեպքում, տղաս, եթե դու իսկապես քաղցից մեռնում ես, քո գոռոզությունից մի երկու դիլիմ կեր, բայց զգույշ, որ ստամոքսդ չխանգարես։
Մի քանի րոպեից հետո ճանապարհով անցավ մի որմնադիր, որը ուսին մի զամբյուղ կիր էր տանում։
— Ի՞նչ կլինի, բարեկիրթ քաղաքացի, մի սոլդո փող տաք մի խեղճ տղայի, որը քաղցից հորանջում է։
— Ուրախությամբ, եկ այս կիրը հետս տար,— պատասխանեց որմնադիրը,— և ես քեզ մի սոլդոյի փոխարեն հինգը կտամ։
— Բայց կիրը ծանր է, իսկ ես չեմ ուզում ինձ նեղություն տալ։
— Եթե չես ուզում քեզ նեղություն տալ, տղաս, զվարճացիր հորանջելով, անուշ լինի։
Մի կես ժամվա ընթացքում անցան ևս մի քսան հոգի. Պինոքիոն բոլորից էլ ողորմություն խնդրեց, բայց բոլորն էլ պատասխանեցին.
— Բա չե՞ս ամաչում։ Փողոցում անգործ թափառելու փոխարեն լավ չէ՞ր լինի գնայիր մի աշխատանք որոնեիր և սովորեիր հացդ վաստակել։ Վերջապես մի սիրալիր տիկին անցավ, որը երկու սափոր ջուր էր տանում։
— Չե՞ք դժգոհի արդյոք, բարի տիկին, եթե ես ձեր սափորից երկու ումպ ջուր խմեմ,— ասաց Պինոքիոն, որը ծարավից այրվում էր։
— Խնդրեմ, խմիր, տղաս,— պատասխանեց տիկինը, սափորները գետնին դնելով։
Մի լավ ծծելուց հետո, Պինոքիոն բերանը սրբելով մռթմռթաց.
— Ծարավս կոտրեցի, եթե այսպես մի լավ էլ կարողանայի քաղցս հագեցնել․․․
Բարի տիկինը, լսելով այս բառերը, անմիջապես ասաց.
— Եթե օգնես այս սափորներից մեկը տուն տանել, մի մեծ կտոր հաց կտամ քեզ։
Պինոքիոն նայեց սափորին, բայց ոչ հա՛ ասաց, ոչ էլ՝ չէ՛։
— Հացի հետ միասին մի լավ ափսե էլ քացախով ու յուղով սարքած գունավոր կաղամբի մարինադ կտամ,— ավելացրեց բարի տիկինը։
Պինոքիոն մի անգամ ևս նայեց սափորին ու կրկին ոչ հա՛ ասաց, ոչ էլ՝ չէ՛։
— Իսկ գունավոր կաղամբից հետո մի լավ կոնֆետ կտամ, որի մեջ լիքը լիկյոր է։
Գայթակղված այս վերջին քաղցրեղենի անունը լսելուց, Պինոքիոն այլևս դիմադրել չկարողացավ և որոշակիորեն ասաց.
— Համբերությո՛ւն. ես ձեր սափորը կտանեմ մինչև տուն։
Սափորը շատ ծանր էր. տեսնելով, որ ձեռքին տանելը դժվար է, բուրատինոն ստիպված դրեց գլխին ու տարավ այդպես բռնած։
Տուն հասնելուն պես բարի տիկինը Պինոքիոյին նստեցրեց սփռոցով ծածկած մի փոքրիկ սեղանի մոտ և հացը, գունավոր կաղամբի մարինադն ու լիկյորով լիքը կոնֆետն էլ դրեց առաջը։
Պինոքիոն ոչ թե կերավ, այլ կլանեց։ Թվում էր, թե նրա ստամոքսը հինգ ամիս դատարկ և անբնակ մնացած տուն է։
Քաղցի կատաղի խայթոցները կամաց-կամաց հանգստացնելուց հետո, նա գլուխը վեր բարձրացրեց՝ իր բարեգործուհուն շնորհակալություն հայտնելու. բայց դեռ ակնապիշ նայում էր նրա երեսին, երբ հանկարծ՝ զարմանքի մի երկար «վա՜հ-հ-հ» բաց թողեց․․․ ու աչքերը չռած, պատառաքաղն օդում, բերանն էլ լիքը հաց և գունավոր կաղամբ, մնաց տեղն ու տեղը։
— Ի՜նչ զարմանք է,— ծիծաղելով հարցրեց բարի տիկինը։
— Նա՛ է․․․— շփոթված՝ պատասխանեց Պինոքիոն,— նա՛ է․․․ այդ նա՛ է․․․ որին դուք այնքան նման եք․․․ դուք ինձ հիշեցնում եք․․․ Այո՛, այո՛, այո՛, միևնույն ձայնը․․․ միևնույն աչքերը․․․ միևնույն մազերը․․․ Այո՛, այո՛, այո՛․․․ Ձեր մազերն էլ են կապույտ․․․ ինչպես նրանը․․․ Օ՜, իմ Ֆեյա․․․ Օ՜, իմ Ֆեյա․․․ Ասացեք, որ այդ դուք եք, ուղղակի դո՛ւք․․․ Էլ մի՛ ստիպվեք ինձ լաց լինել․․․ Եթե իմանայի՜ք․․․ ես այնքա՜ն եմ լացել, այնքա՜ն եմ լացել․․․
Այսպես ասելով, Պինոքիոն բարձրաձայն արտասվեց և ծունկ չոքած գրկեց այդ խորհրդավոր կնոջ ծնկները։
XXV. Պինոքիոն խոստանում է Ֆեյային խելոքանալ ու սովորել, որովհետև ձանձրացել է բուրատինո լինելուց և ուզում է դառնալ մի գովելի տղա
Սկզբից բարի տիկինը պնդում էր, որ նա այն կապույտ մազերով փոքրիկ Ֆեյան չէ, բայց հետագայում, տեսնելով, որ ամեն ինչ արդեն պարզ է և չուզենալով դեռ երկար շարունակել այդ կատակերգությունը, խոստովանեց ու, դիմելով Պինոքիոյին, ասաց.
— Ա՛յ դու ծույլ բուրատինո, այդ ո՞նց նկատեցիր, որ ես եմ։
— Կարևորն այն է, որ դուք խոստովանեցիք այն, ինչ ես ցանկանում եմ իմանալ։
— Հիշո՞ւմ ես, դու ինձ թողեցիր, երբ ես փոքրիկ աղջիկ էի, իսկ այժմ գտնում ես ինձ, երբ արդեն տիկին եմ և այնքան մեծ, որ նույնիսկ կարող եմ քո մայրը լինել։
— Այդ ինձ համար ավելի հաճելի է, որովհետև, փոքրիկ քույրիկ ասելու փոխարեն՝ հիմա կարող եմ մայրիկ ասել։ Վաղուց է ինչ իմ սիրտն էլ է ուզում մայր ունենալ՝ մյուս երեխաների նման․․․ բայց ինչպե՞ս եք արել, որ այդքան շուտ մեծացել եք։
— Դա գաղտնիք է։
— Ինձ էլ սովորեցրեք, ես էլ կուզենայի մի քիչ մեծանալ։ Չե՞ք տեսնում, մինչև հիմա էլ նույն հասակին եմ մնացել։
— Բայց չէ՞ որ դու չես կարող մեծանալ,— պատասխանեց Ֆեյան։
— Ինչո՞ւ։
— Որովհետև բուրատինոները երբեք չեն մեծանում։ Բարատինո ծնվում են, բուրատինո ապրում, բուրատինո էլ մեռնում։
— Ա՜խ, ես ձանձրացել եմ բուրատինո լինելուց,— գլխին խփելով բղավեց Պինոքիոն։— Արդեն ժամանակն է, որ ես էլ մարդ դառնամ, ինչպես բոլորն են։
— Դու մարդ կդառնաս, երբ կարողանաս արդարացնել մարդ կոչումը․․․
— Ինչ է, ես վա՞տ տղա եմ։
— Այդ ուրիշ բան է։ Խելամիտ տղաները լսող են լինում, իսկ դու ընդհակառակը․․․
— Իսկ ես երբե՛ք չեմ լսում։
— Խելամիտ տղաները սիրով են վերաբերվում դեպի սովորելն ու աշխատանքը, իսկ դու․․․
— Իսկ ես, ընդհակառակը, ողջ տարին դատարկապորտի նման թափառում եմ։
— Խելամիտ տղաները միշտ ճիշտ են խոսում․․․.
— Իսկ ես անվերջ խաբում եմ։
— Խելամիտ տղաները մեծ սիրով են հաճախում դպրոց․․․
— Իսկ ես դպրոցի անունը լսելիս ուզում եմ մեռնել։ Բայց սրանից հետո կյանքս փոխելու եմ։
— Խո՞սք ես տալիս։
— Խոսք եմ տալիս։ Ես էլ եմ ուզում խելամիտ տղա դառնալ, որպեսզի իմ հայրն էլ ինձանով մխիթարվի․․․ Որտե՞ղ կարող է լինել հիմա խեղճ հայրս։
— Չգիտեմ։
— Բախտ կունենա՞մ, արդյոք, կրկին տեսնել նրան և գրկել։
— Կարծում եմ, որ կունենաս. ավելին, համոզված եմ դրանում։
Այս պատասխանը լսելով, Պինոքիոն այնպիսի գոհունակությամբ լցվեց, որ առավ Ֆեյայի ձեռքն ու սկսեց ջերմորեն համբուրել, կարծես թե ուրախությունից իրեն կորցրել էր։
Ապա երեսը վեր բարձրացնելով ու սիրալիր նայելով նրան, հարցրեց.
— Ասա ինձ, մայրիկ, ուրեմն ճիշտ չէ՞, որ դու մեռնել էիր։
— Ինձ թվում է՝ ո՛չ,— ժպտալով պատասխանեց Ֆեյան։
— Եթե իմանայիր, թե ինչպե՜ս մղկտաց սիրտս, երբ կարդացի՝ այստեղ հանգչում է․․․
— Գիտեմ․․․ և հենց այդ պատճառով է, որ քեզ ներում եմ։ Քո ցավի անկեղծությունը ինձ համոզեց, որ դու բարի սիրտ ունես, իսկ ազնիվ սիրտ ունեցող երեխաներից, եթե նույնիսկ նրանք մի փոքր չարաճճի են կամ վատ սովորությունների տեր, միշտ կարելի է մի բան սպասել կամ հուսալ, որ նորից ճիշտ ճամփի կգան։ Ահա թե ինչու եմ եկել մինչև այստեղ քեզ որոնելու։ Սրանից հետո ես քո մայրն եմ լինելու․․․
— O՛հ, այդ ի՜նչ հրաշալի բան է,— բացականչեց Պինոքիոն, ուրախությունից թռչկոտելով։
— Դու ինձ պետք է լսես և անես այն, ինչ որ քեզ ասեմ։
— Մեծ ուրախությամբ, մեծ ուրախությամբ, մեծ ուրախությամբ։
— Վաղվանից,— ավելացրեց Ֆեյան,— դու կսկսես դպրոց հաճախել։
Պինոքիոն անմիջապես մի փոքր լրջացավ։
— Այնուհետև քո ցանկությամբ կընտրես որևէ մասնագիտություն կամ արհեստ․․․
Պինոքիոն բոլորովին լրջացավ։
— Ի՜նչ ես փնթփնթում քթիդ տակ,— հարցրեց Ֆեյան նկատելի դժգոհությամբ։
— Ասում էի․․․— կիսաձայն մռթմռթաց բուրատինոն,— որ այժմ արդեն դպրոց գնալը մի քիչ ուշ է․․․
— Չէ, սիրելիս։ Միշտ միտդ պահիր, որ դաստիարակվելն ու սովորելը ոչ մի դեպքում ուշ չէ։
— Բայց ես չեմ ուզում ոչ մասնագիտություն և ոչ էլ արհեստ սովորել։
— Ինչո՞ւ։
— Որովհետև աշխատելը դժվար է։
— Տղաս,— ասաց Ֆեյան,— նրանք, ովքեր այդպես են ասում, գրեթե միշտ էլ կա՛մ բանտ են ընկնում, կա՛մ հիվանդանոց։ Իմացած եղիր, որ մարդ, անկախ նրանից՝ հարուստ է ծնվում, թե աղքատ, պարտավոր է այս աշխարհում որևէ բան անել, մի բանով զբաղվել, աշխատել։ Վա՜յ նրան, ով իրեն հանձնում է ծուլության ձեռքը։ Ծուլությունը մի սոսկալի հիվանդություն է, որ անհրաժեշտ է բուժել իսկույն ևեթ, դեռ մանկությունից, թե չէ, երբ մեծանում ենք, այլևս չի բուժվում։
Այս բառերը մտան Պինոքիոյի սիրտը, նա աշխուժորեն գլուխը վեր բարձրացնելով, ասաց Ֆեյային։
— Ես կսովորեմ, կաշխատեմ, կանեմ այն ամենը, ինչ դու ասես, որովհետև, միևնույնն է, բուրատինոյի կյանք ունենալն ինձ ձանձրացրել է. ուզում եմ ինչ գնով էլ լինի՝ սովորական տղա դառնալ։ Այդ դու ինձ խոստացար, ճի՞շտ է։
— Ես այդ քեզ խոստացա և այժմ դա կախված է քեզանից։
XXVI. Պինոքիոն դպրոցական ընկերների հետ գնում է ծովափ ահեղ Շնաձկանը տեսնելու
Հաջորդ օրը Պինոքիոն գնաց դպրոց։
Պատկերացրեք, թե ի՜նչ արին ծույլ ու անպիտան երեխաները, երբ տեսան, որ իրենց դպրոցը մի բուրատինո մտավ։ Այնպիսի մի ծիծաղ սկսեցին, որ էլ վերջ չուներ։ Մեկը մի կատակ էր անում նրա հետ, մյուսը մի այլ, մեկը գլխարկն էր գլխից թռցնում, մյուսը բլուզն էր ետևից ձգում, մեկը փորձում էր նրա քթի տակ թանաքով բեղեր սարքել, մյուսն էլ աշխատում էր նույնիսկ ձեռքերից ու ոտքերից թելեր կապել ու պարեցնել։
Սկզբից Պինոքիոն համարձակ, առանց ուշադրություն դարձնելու առաջ գնաց, բայց վերջիվերջո, տեսնելով, որ համբերությունը հատում է, շրջվեց նրանց կողմը, որոնք ամենից շատ էին ձեռք առնում ու ծիծաղում իր վրա, և մռայլ դեմքով ասաց.
— Լավ իմացեք, տղաներ, ես չեմ եկել այստեղ ձեր ծիծաղի առարկան դառնալու համար։ Ես հարգում եմ ուրիշներին և ցանկանում եմ, որ ուրիշներն էլ ինձ հարգեն։
— Կեցցե՛ս, սատանա. տպած գրքի նման ես խոսում,— աղաղակեցին այն անպետք չարաճճիները, ետ ցատկելով թուլացած խելահեղ ծիծաղից։ Իսկ նրանցից մեկը, որ մյուսներից ավելի հանդուգն էր, ձեռքը մեկնեց, որ բուրատինոյի քթի ծայրից բռնի։
Բայց չկարողացավ, որովհետև Պինոքիոն ոտքը սեղանի տակից մեկնելով ուժեղ մի քացի հասցրեց նրա ազդրոսկրին։
— Օ՜ֆ, ինչ ամուր ոտքեր ունի սա,— ճչաց տղան, տրորելով Պինոքիոյի կապտեցրած տեղը։
— Իսկ արմունկները․․․ ոտքերից էլ են ամուր,— ասաց մի ուրիշը, որը կոպիտ կատակների համար արմունկի մի հարված էր ստացել ստամոքսին։ Բանն այն է, որ այդ քացու և արմունկի հարվածներից հետո Պինոքիոն ձեռք բերեց դպրոցի ողջ երեխաների համակրանքը։ Դրանից հետո բոլորն էլ նրան հարգում էին և հրաշալի տղա համարում։
Նույնիսկ ուսուցիչը գովում էր նրան, որովհետև տեսնում էր, որ միշտ էլ ուշադիր է, աշխատասեր, քաղաքավարի, միշտ դպրոց է գալիս առաջինը և ոտքի կանգնում վերջինը, երբ դասերը վերջանում են։
Միակ թերությունը որ կար, այդ բազմաթիվ ընկերների հետ ընկնելն էր, որոնցից շատերը հայտնի էին իրենց ծուլությամբ ու վատ վարքով։ Ուսուցիչն ամեն օր նրան զգուշացնում էր, քիչ չէր խրատում նաև բարի Ֆեյան, անընդհատ կրկնելով.
— Լավ իմացիր, Պինոքիո, այդ քո դպրոցական վատ ընկերները վաղ թե ուշ կկտրեն քո սերը դեպի սովորելը և մի օր էլ քեզ կգցեն դժբախտության մեջ։
— Ո՛չ մի վտանգ չկա,— պատասխանում էր բուրատինոն, ուսերը վեր բարձրացնելով ու ցուցամատը ճակատին դնելով, կարծես թե ցանկանալով ասել. «Այստեղ քիչ խելք չկա»։
Այնպես պատահեց, որ մի օր, երբ նա դպրոց էր գնում, հանդիպեց մի խումբ իրեն դիմավորող սովորական ընկերների, որոնք ասացին նրան.
— Գիտե՞ս ինչ մեծ նորություն կա։
— Չէ։
— Այստեղի ծովը մի Շնաձուկ է եկել, որը սարի չափ կա։
— Իսկապե՞ս․․․ Չլինի այդ այն Շնաձուկն է, որը խեղդեց խեղճ հորս։
— Մենք գնում ենք ծովափ նրան տեսնելու։ Կգա՞ս։
— Չէ, ուզում եմ դպրոց գնալ։
— Ի՞նչ օգուտ դպրոցից, դպրոց վաղն էլ կգնանք։ Մի դաս ավել, մի դաս պակաս, ի՞նչ նշանակություն ունի, միևնույնն է, մարդ նույն հիմարն է մնում։
— Բա ուսուցիչն ի՞նչ կասի։
— Ուսուցիչն ինչ ուզում է, թող ասի։ Նրան հենց դրա համար էլ վճարում են, որ ամբողջ օրը մռթմռթա։
— Իսկ իմ մա՞յրը։
— Մայրերը երբեք ոչինչ չեն իմանում,— պատասխանեցին այդ անպիտանները։
— Գիտե՞ք ես ինչպես կանեմ,— ասաց Պինոքիոն,— Շնաձկանը, իհարկե, ուզում եմ տեսնել ինձ համար անհրաժեշտ պատճառներով․․․ բայց տեսնելու կգնամ դպրոցից հետո։
— Անմիտ հիմա՜ր,— վրա բերեց խմբի տղաներից մեկը,— ինչո՞ւ ես կարծում, թե մի այդպիսի մեծություն ունեցող ձուկը կցանկանա կանգնել այնտեղ ու սպասել քեզ։ Հենց որ մի փոքր ձանձրացավ, անմիջապես մի այլ ուղղություն է վերցնում ու գնում. ով տեսավ՝ տեսավ, ով չտեսավ՝ չտեսավ։
— Ինչքա՞ն ժամանակ է պետք այստեղից մինչև ծովափ հասնելու համար,— հարցրեց բուրատինոն։
— Մի ժամում կգնանք ու կգանք։
— Այդ դեպքում՝ առա՜ջ. և ով բոլորից արագ վազի, բոլորից ճարպիկը նա է,— բացականչեց Պինոքիոն։
Շարժվելու ազդանշան տրվեց և ծույլ չարաճճիների այդ խումբը, գրքերն ու տետրակները թևերի տակ դրած, սկսեց վազել ուղղակի դաշտերի միջով։ Պինոքիոն միշտ բոլորից առաջ էր, կարծես թե ոտքերի վրա թևեր ուներ։
Մերթ ընդ մերթ ետ նայելով, նա ծիծաղում էր ետ մնացած ընկերների վրա և, տեսնվելով, թե ինչպես են հոգնած, քրտնած, փոշոտ ու լեզուները կախ գցած հազիվհազ շարժվում, ուղղակի սրտանց ծիծաղում էր։ Այդ դժբախտը չգիտեր, թե ինչ սարսափելի փորձանք է գալու իր գլխին․․․
XXVII. Մեծ ճակատամարտ Պինոքիոյի և իր ընկերների միջև, որոնցից մեկի վիրավորվելու պատճառով կարաբինները[8] ձերբակալում են Պինոքիոյին
Հենց որ հասան ծովափ, Պինոքիոն անմիջապես նայեց այս ու այն կողմ, բայց ոչ մի Շնաձուկ էլ չտեսավ։ Ծովը բոլորովին խաղաղ էր և փայլում էր հսկայական բյուրեղի նման։
— Բա Շնաձուկն ո՞ւր է,— հարցրեց նա, դիմելով ընկերներին։
— Երևի գնացել է նախաճաշելու,— ծիծաղելով պատասխանեց նրանցից մեկը։
— Կամ թե անկողին մտած կլինի՝ մի քիչ քնելու համար,— ավելացրեց մյուսը, ծիծաղելով ավելի բարձր, քան երբևէ։
Այդ անմիտ պատասխաններից ու հիմար ծիծաղներից Պինոքիոն հասկացավ, որ ընկերները իրեն չարամտորեն ձեռ են առել, ասելով մի բան, որը գոյություն չունի։ Եվ, չարությամբ լցված, կծու ասաց նրանց.
— Իսկ հիմա էլ ի՞նչ հաճելի բաներ եք սարքել Շնաձկան հեքիաթներով ինձ գլխահան անելու համար։
— Հաճելի բան կա, անշուշտ,— պատասխանեցին միաձայն այդ անպիտան չարաճճիները։
— Իսկ այդ ի՞նչ է։
— Այն, որ քեզ դպրոցից կտրեցինք և բերեցինք մեզ հետ։ Չե՞ս ամաչում ամեն օր այդպիսի ճշտապահությամբ դպրոց ես գնում ու դասերն էլ այդպես ջանասիրությամբ պատրաստում։ Չե՞ս ամաչում, որ այդքան սովորում ես։
— Ի՞նչ վնաս եմ տալիս ձեզ, որ սովորում եմ։
— Շատ մեծ վնաս, որովհետև քո լավ սովորելով դու փչացնում ես մեր և ուսուցչի հարաբերությունները․․․
— Ինչո՞ւ։
— Որովհետև այն աշակերտները, որոնք սովորում են, ամոթով են թողնում նրանց, ովքեր ցանկություն չունեն սովորելու, ինչպես մենք։ Իսկ մենք չենք ուզում ամոթով մնալ, մենք էլ մեր ինքնասիրությունն ունենք․․․
— Այդ դեպքում ես ի՞նչ պիտի անեմ, որ ձեզ գոհացնեմ։
— Դու էլ պիտի ատես դպրոցը, դասերը և ուսուցչին, դրանք մեր երեք մեծ թշնամիներն են։
— Իսկ եթե ուզենամ շարունակե՞լ ուսումս։
— Մենք այլևս քո երեսին չենք նայի և տեղն եկած տեղը դրա համար կվճարես․․․
— Ծիծաղս գալիս է ձեր ասածների վրա,— օրորելով գլուխը ասաց բուրատինոն։
— Է՜յ, Պինոքիո՛,— բղավեց տղաներից ամենամեծը, առաջ գալով,— ասում եմ՝ հերիք է պարծենաս ու աքաղաղի նման վեր-վեր թռչես․․․ թե որ դու մեզնից չես վախենում, մենք էլ քեզնից չենք վախենում։ Լավ իմացիր, որ դու մենակ ես, իսկ մենք յոթն ենք։
— Յոթ ողորմելի մահկանացունե՜ր,— բարձրաձայն ծիծաղելով ասաց Պինոքիոն։
— Լսեցի՞ք, մեզ բոլորիս էլ վիրավորեց, անվանելով ողորմելի մահկանացուներ․․․
— Պինոքիո՛, ներողություն խնդրիր վիրավորանքի համար․․․ թե չէ՝ վայն եկել է քեզ տարել։
— Բո՛ւ-բո՛ւ,— ասաց բուրատինոն և որպես ձեռք առնելու նշան՝ ցուցամատով խփեց քթի ծայրին։
— Պինոքիո՛, վատ կվերջանա․․․
— Բո՛ւ-բո՛ւ։
— Համը մի հանի, էշի՛ մեկը։
— Բո՛ւ–բո՛ւ։
— Հիմա ես քեզ բու-բու ցույց կտամ,— բղավեց ծույլերի խմբի ամենասրտոտը։— Ա՛ռ մի սա նախապես և պահիր այսօրվա ընթրիքի համար։ Եվ այսպես ասելն ու Պինոքիոյի գլխին մի բռունցք տալը մեկ եղավ։
Վայրկենապես տուրուդմբոցն սկսվեց, որովհետև բուրատինոն ինչպես պետք էր սպասել, իսկույն պատասխանեց մի այլ հարվածով։ Մարտն ընդհանուր ու կատաղի կերպարանք ստացավ։
Պինոքիոն թեկուզ և մենակ էր, բայց պաշտպանվում էր հերոսի նման, իր ամուր փայտե ոտքերով նա այնպիսի ճարպկությամբ էր գործում, որ հակառակորդներին անընդհատ պահում էր պատկառելի տարածության վրա։ Որտեղ ոտքերը հասնում ու դիպչում էին, այնտեղ անմիջապես կապտածության հետքեր էին թողնում որպես հիշատակ։
Տղաները տեսնելով, որ չեն կարողանում բռնցքամարտով Պինոքիոյի հախից գալ, որոշեցին ռմբակոծել իրերով, և, բացելով դպրոցական գրքերի կապոցները, սկսեցին Պինոքիոյի վրա նետել այբբենարանները, քերականության դասագրքերը, Ջանետինիի, Մինուցոլիի գրվածքները, Թոուարի պատմվածքները, Բաչինիի «Պուլչինոն» և սխոլաստիկական այլ գրքեր։ Բայց բուրատինոն, որի աչքերը շատ սուր էին և ինքն էլ շատ խորամանկ, այնպես էր ժամանակին գլուխը կռացնում, որ այդ հատորները նրա գլխի վրայով անցնում էին ու թափվում ծովը։
Պատկերացրե՜ք ձկներին. կարծելով, որ այդ գրքերը ուտելու բան կարող են լինել, նրանք ամբողջ վտառներով դուրս էին գալիս ջրի երեսը, բայց հենց որ որևէ թերթից կամ վերնագրից կրծում էին մի փոքր, իսկույն ետ էին թքում, զզվանքից ծամածռելով դեմքերը, ասես ուզում էին ասել. «Սա մեր բանը չէ, մենք սովոր ենք ավելի լավ բաներով կերակրվել»։
Մինչդեռ մարտը գնալով ավելի սաստկանում էր, մի խեցգետին, որը ջրից դուրս եկել ու կամաց-կամաց բարձրացել էր ափ, գոռաց ահաբեկիչ ձայնով.
— Վե՛րջ տվեք, անպետք չարաճճիներ. այդ բռնցքակռիվները, որոնք տեղի են ունենում երեխաների միջև, շատ քիչ են անվնաս վերջանում, մեծ մասամբ միշտ էլ որևէ դժբախտություն է պատահում։
Խե՜ղճ Խեցգետին։ Միևնույնն էր, թե խոսքերը քամուն տար։ Ավելին. այդ երես առած Պինոքիոն շուռ գալով ու կատաղությամբ նայելով նրան, կոպտությամբ ասաց.
— Ձա՛յնդ կտրիր, ձանձրալի Խեցգետին․․․ Ավելի լավ կանեիր, եթե գնայիր մի երկու շերտ ծառալոռ ծծեիր՝ մրսած կոկորդդ բուժելու համար։ Կորի՛ր, անկողին մտիր ու աշխատիր քրտնել։
Այդ պահին տղաները, որոնք արդեն նետել էին իրենց բոլոր գրքերը, նկատեցին բուրատինոյի ոչ հեռու գտնվող գրքերի կապոցը և այնպիսի՜ արագությամբ իրենց ձեռքը գցեցին, որ նույնիսկ դժվար է պատկերացնել։
Այդ գրքերի մեջ կար մի հատոր, որ կաշվեպատ ու հաստ կարտոնից կազմ ուներ։ Դա թվաբանության մի տրակտատ էր։ Ձեզ եմ թողնում պատկերացնել, թե որքան ծանր էր այն։
Այդ անպիտաններից մեկը ճանկեց այդ գիրքը և, նշան բռնելով Պինոքիոյի գլխին, նետեց, ինչքան որ ձեռներում ուժ կար։ Բայց փոխանակ բուրատինոյի գլխին դիպչելու, գիրքը կպավ տղայի ընկերներից մեկի գլխին, որը մի վայրկյանում այնպես գունատվեց, կարծես թե լվացած սպիտակեղեն լիներ։ Նա կարողացավ ասել միայն այս բառերը.
— Ա՜խ, մայրիկ ջան, օգնիր ինձ, մեռնում եմ,— և փռվեց ծովափի ավազների վրա։
Այդ փոքրիկ մեռելին տեսնելուն պես, տղաները սարսափած այնպես սկսեցին փախչել, որ մի քանի րոպեից հետո էլ ոչ ոքի չէր կարելի գտնել։ Բայց Պինոքիոն մնաց այնտեղ, ու թեև մի կողմից վշտից, իսկ մյուս կողմից՝ վախից նա ինքն էլ ավելի մեռած էր, քան կենդանի, այնուամենայնիվ վազելով գնաց թաշկինակը թրջեց ծովում ու բերեց դրեց խեղճ դպրոցական ընկերոջ ճակատին։ Նա միաժամանակ բարձրաձայն լաց լինելով ու հուսահատությամբ լցված, ձայն էր տալիս նրան ու ասում.
— Եվգենի՛․․․ իմ խեղճ Եվգենի՛․․․ բաց աչքերդ ու նայիր ինձ․․․ ինչո՞ւ չես պատասխանում։ Այդ ես չէի քեզ այսպես դժբախտացնողը։ Հավատա՛, ես չէի։ Բաց աչքերդ, Եվգենի՛․․․ եթե չբացես, ինձ էլ կստիպես մեռնել քեզ նման․․․ Օ՜, Աստված իմ, ես հիմա ինչպե՞ս վերադառնամ տուն․․․ ի՞նչ երեսով ներկայանամ իմ բարի մորը․․․ ի՞նչ կասի նա ինձ, ո՞ւր փախչեմ․․․ որտե՞ղ պահվեմ․․․ Ա՜խ, ինքա՜ն լավ կլիներ, եթե դպրոց գնացած լինեի․․․ Ինչո՞ւ լսեցի այդ տեսակ ընկերներին, որոնք իմ տանջանքների պատճառը եղան․․․ Այդ մասին ուսուցիչն էլ էր ասում․․․ Այդ մասին մայրս էլ էր անվերջ կրկնում. «Հեռու պահիր քեզ վատ ընկերներից»։ Բայց ես համառ եմ․․․ խլականջ․․․ Ամեն ինչ լսում եմ, բայց վերջում իմ ասածն եմ անում, և միշտ էլ ամեն ինչ իմ քթից է դուրս գալիս․․․ Եվ այսպես, աշխարհ գալուցս մինչև հիմա դեռ մի քառորդ ժամ էլ չի եղել, որ կյանքս առանց փորձանքի անցնի։ Աստված իմ, ի՞նչ կանեն ինձ, ի՞նչ կանեն ինձ, ի՞նչ կանեն ինձ․․․
Եվ այսպես Պինոքիոն շարունակում էր լաց լինել, ամբողջ ձայնով ճղղալ, գլխին խփել և ձայն տալ խեղճ Եվգենիին, երբ հանկարծ լսեց մոտեցող քայլերի ձայն։
Շուռ եկավ՝ երկու կարաբիներ էին։
— Ի՞նչ ես անում այստեղ, գետնին փռված,— հարցրին Պինոքիոյին։
— Դպրոցական ընկերոջս օգնություն եմ ցույց տալիս։
— Ի՞նչ է պատահել, հիվանդացե՞լ է, ինչ է։
— Այդպես է երևում․․․
— Հիվանդանալուց մի բան էլ անցել է,— ասաց կարաբիներներից մեկը, կռանալով ու մոտիկից հետազոտելով Եվգենիին։— Այս տղայի քունքը վիրավորված է։ Այս ո՞վ է վիրավորել։
— Ես չեմ,— մռթմռթաց բուրատինոն, որի շունչը վախից արդեն կտրվում էր։
— Եթե դու չես, հապա ո՞վ է։
— Ես չեմ,— կրկնեց Պինոքիոն։
— Իսկ ինչո՞վ են վիրավորել։
— Այս գրքով։— Եվ բաւրատինոն գետնից վերցրեց կաշվով ու հաստ կարտոնով կազմած թվաբանության տրակտատը, որպեսզի ցույց տա կարաբիներներին։
— Իսկ այս գիրքն ո՞ւմն է։
— Իմն է։
— Այսքանը բավական է, ուրիշ բանի կարիք չկա։ Վեր կաց և հետևիր մեզ։
— Բայց ես․․․
— Հետևի՛ր։
— Բայց ես մեղավոր չեմ․․․
— Հետևի՛ր։
Կարաբիներները կանչեցին մի քանի ձկնորսների, որոնք հենց այդ րոպեին իրենց մակույկներով անցնում էին ափից ոչ հեռու, և ասացին նրանց.
— Ձեր խնամքի տակ ենք թողնում այս գլխից վիրավորված տղային։ Վերցրեք տարեք տուն և խնամեք։ Վաղը մենք նրան տեսության կգանք։
Այնուհետև նորից շուռ եկան դեպի Պինոքիոն և, գցելով նրան իրենց երկուսի մեջտեղը, զինվորական խստությամբ հրամայեցին.
— Առա՜ջ, և արագ քայլիր, թե չէ վատ կլինի քեզ համար։
Առանց ստիպելու երկրորդ անգամ կրկնել հրամանը, բուրատինոն սկսեց քայլել քաղաք տանող արահետով։ Բայց խեղճ ողորմելին նույնիսկ չէր հասկանում, թե որտեղ է գտնվում։ Նրան թվում էր, թե երազում է, բայց ի՞նչ սոսկալի երազ. խելքը կորցնում էր։ Աչքերին ամեն ինչ կրկնակի էր երևում. ոտքերը դողում էին. լեզուն այնպես էր կապ ընկել, որ ոչ մի բառ չէր կարողանում արտասանել։ Այնուամենայնիվ, այդ շշմեցուցիչ ու անտանելի զգացմունքների մեջ նրա սիրտը մի վիշտ էր խոցում, այդ այն գիտակցությունն էր, որ նա կարաբիներների մեջտեղն ընկած, անցնելու էր իր բարի Ֆեյայի լուսամուտների տակով։ Նրա համար այդ պահին մեռնելն ավելի հաճելի կլիներ։
Արդեն քաղաք էին հասել և պետք է ներս մտնեին, երբ մի խելագար քամի Պինոքիոյի գլխարկը գլխից քշեց, գցելով մի տասը քայլ հեռու։
— Չե՞ք դժգոհի,— ասաց Պինոքիոն կարաբիներներին,— եթե գնամ գլխարկս բերեմ։
— Գնա բեր, բայց շուտ և առանց ժամանակ կորցնելու։ Բուրատինոն գնաց վերցրեց գլխարկը․․․ Բայց գլխին դնելու փոխարեն՝ դրեց բերանը, սեղմեց ատամներով ու սկսեց խենթ արագությամբ վազել դեպի ծովափ։ Ոչ թե վազում, այլ գնդակի նման սլանում էր։
Կարաբիներները տեսնելով, որ նրան հասնելը դժվար է, ետևից մի հսկայական պահակաշուն գցեցին, որը բոլոր տեսակի շնավազքերի ժամանակ էլ միշտ առաջին մրցանակն էր ստացել։ Ինչքան Պինոքիոն էր վազում, երկու այնքան էլ շունն էր վազում։ Այդ պատճառով էլ մարդիկ կուտակվելով լուսամուտների մոտ ու փողոցում, մեծ անհամբերությամբ սպասում էին, թե ինչպիսի վախճան է ունենալու նրանց կատաղի արշավը։ Բայց ոչ ոք իր ցանկությանը բավարարություն տալ չկարողացավ, որովհետև պահակաշունն ու Պինոքիոն փողոցի երկարությամբ այնպիսի մի փոշի բարձրացրին, որ մի քանի րոպեից հետո այլևս հնարավոր չէր որևէ բան տեսնել։
XXVIII. Պինոքիոն ենթարկվում է թավայում ձկան պես տապակվելու վտանգին
Այդ հուսակտուր վազքի ժամանակ մի այնպիսի սոսկալի րոպե եղավ, երբ Պինոքիոյին թվաց, թե արդեն կորած է, որովհետև Ալիդորոն (այսպես էր պահակաշան անունը) իր կատաղի սլացքի միջոցին արդեն գրեթե հասել էր բուրատինոյին։
Բավական է ասել, որ բուրատինոն իր ետևում մի թիզ տարածության վրա արդեն զգում էր այդ կենդանու շնչահեղձ հեթեթոցը և նույնիսկ շնչառության տաք գոլորշին։
Սակայն բարեբախտաբար ափը արդեն մոտիկ էր, իսկ մի քանի քայլի վրա էլ ծովն էր երևում։
Ափ հասնելուն պես բուրատինոն գորտի նման մի հրաշալի թռիչքով պոկվեց տեղից և ընկավ ջուրը։ Ալիդորոն, ընդհակառակը, ուզեց կանգ առնել, բայց թափը չպահելով նույնպես հետևեց նրան։ Սակայն այդ դժբախտը լողալ չգիտեր, դրա համար էլ սկսեց անմիջապես գլուխն ու թաթերը թափահարել ջրի երեսին մնալու համար։ Բայց որքան շատ էր թափահարում, այնքան ավելի էր խորասուզվում։
Երբ գլուխը կրկին դուրս հանեց, խեղճ շան աչքերը սարսափով լցված չռվել էին և հանելով աղաղակում էր.
— Խեղդվո՜ւմ եմ, խեղդվո՜ւմ․․․
— Սատկի՛ր,— հեռվից պատասխանեց Պինոքիոն, որն իրեն արդեն ապահով էր զգում ամեն տեսակ վտանգից։
— Օգնի՛ր ինձ, Պինոքիո ջան․․․ Փրկի՛ր ինձ մահից․․․
Այդ աղիողորմ ձայնի վրա բուրատինոն, որ մի շատ ազնիվ սիրտ ուներ, լցվեց կարեկցությամբ և, դառնալով դեպի շունը, ասաց.
— Իսկ եթե ես քեզ փրկեմ, խոսք կտա՞ս որ այլևս ինձ չես անհանգստացնի ու ետևիցս չես ընկնի։
— Խոսք եմ տալիս, խոսք եմ տալիս։ Շտապի՛ր ի սեր մարդկության, որովհետև եթե մի կես րոպե էլ ուշացնես, արդեն բանս բուրդ է։
Պինոքիոն մի փոքր տատանվեց, բայց երբ հիշեց, որ հայրը հաճախ էր իրեն ասում, որ մարդ հազվագյուտ դեպքերում է հնարավորություն ունենում որևէ բարի գործ կատարելու, լողալով գնաց դեպի Ալիդորոն և, երկու ձեռքով բռնվելով նրա պոչից, քաշեց ու ողջ-առողջ հանեց ափ, չոր ավազի վրա։
Խեղճ շունը այլևս չէր կարողանում ոտքերի վրա կանգնել։ Հակառակ իր ցանկության այնքան էր աղի ջուր կուլ տվել, որ գնդակի նման ուռել էր։ Այնուամենայնիվ բուրատինոն, չուզենալով չափից դուրս վստահություն անել, հաշվեց, որ ավելի խելացի կլինի նորից իրեն ծովը նետել։ Եվ ափից հեռանալով, գոռաց փրկված ընկերոջը.
— Ցտեսությո՜ւն, Ալիդորո, բարի ճանապա՜րհ և շատ բարև արա տանը։
— Ցտեսությո՜ւն, Պինոքիո,— պատասխանեց շունը,— բյուր անգամ շնորհակալ եմ, որ ինձ մահից ազատեցիր։ Դու ինձ մեծ ծառայություն արիր։ Այս աշխարհում արած լավությունը չի կորչում։ Եթե հարմար առիթ լինի, կզրուցենք։
Պինոքիոն շարունակեց լողալ, միշտ իրեն պահելով ափից ոչ հեռու։ Վերջապես նրան թվաց, որ մի ապահով տեղ է հասել։ Եվ աչքը դեպի ափը գցելով, քարափների մեջ տեսավ ինչ-որ քարանձավ, որտեղից ծխի մի երկար ժապավեն էր դուրս գալիս։
— Այդ քարանձավում,— ասաց ինքն իրեն Պինոքիոն,— պետք է որ կրակ լինի։ Ավելի լավ։ Կգնամ կչորանամ, կտաքանամ, իսկ հետո՞․․․ իսկ հետո ինչ լինելու է, կլինի։
Այդ որոշումն ընդունելով, նա մոտեցավ քարափին։ Բայց երբ արդեն այն է՝ ուզում էր վեր մագլցել, զգաց, որ ջրի տակ ինչ-որ բան կա, որը բարձրանում է, բարձրանում, բարձրանում և իրեն էլ վեր է բարձրացնում։ Անմիջապես փորձեց փախչել, բայց, ավա՜ղ, ուշ էր, որովհետև նա արդեն գտնվում էր բոլոր կողմերից փակված մի հսկայական ուռկանի մեջ՝ ամեն տեսակի ու մեծության ձկների հետ միասին, որոնք հուսաբեկ էակների նման պոչները պտտում և այս ու այն կողմ էին խփում։
Հենց այդ պահին նա նկատեց, որ քարանձավից մի ձկնորս է դուրս գալիս և այնքան սոսկալի, այնքան սոսկալի, որ կարծես թե ծովային հրեշ լինի։ Մազերի փոխարեն գլխին մի խուրձ անչափ խիտ կանաչ խոտ էր։ Կանաչ էր նրա մարմնի մաշկի գույնը, կանաչ էին աչքերը, կանաչ էր մինչև գետին հասնող հսկայական մորուքը։ Թվում էր, թե ետևի ոտքերի վրա կանգնած մի մեծ մողես է։
Երբ ձկնորսը ծովից դուրս քաշեց ուռկանը, մեծ գոհունակությամբ բացականչեց.
— Օրհնյա՜լ նախախնամություն, կարող եմ այսօր էլ մի կուշտ ձուկ ուտել։
— Լավ է, որ ես էլ ձուկ չեմ,— ասաց ինքն իրեն Պինոքիոն կրկին մի քիչ սիրտ առնելով։
Ձկներով լիքը ուռկանը վեր հանվեց ծխապատ ու մութ քարանձավը։ Նրա ներսում մի հսկայական տապակ լիքը յուղ էր եռում, յուղն իր շուրջը մոմի հալվածքի մի այնպիսի հոտ էր արձակում, որ մարդ խեղդվում էր։
— Հիմա արդեն կտեսնենք, թե ինչ ձկներ ենք բռնել,— ասաց կանաչ ձկնորսը, ուռկանի մեջ խրելով արտասովոր մեծության ձեռքը, որը կարծես հացթուխի թիակ լիներ։ Նա դուրս հանեց մի բուռ արքայաձուկ։
— Լավիկներն են այս արքայաձկները,— ասաց նա, նայելով ու հաճույքով հոտոտելով։ Եվ հոտոտելուց հետո շպրտեց անջուր կոնքի մեջ։
Այնուհետև մի քանի անգամ կրկնեց միևնույն գործողությունը։ Որքան ձեռքն ավելի էր խորացնում ուրիշ ձկներ հանելու համար, այնքան ավելի էր զգում, որ բերնի ջուրը գնում է, և գոհունակության ժպիտով ասում էր.
— Լավիկնե՜րն են այս փրփրաձկները․․․
— Ընտի՜ր են այս երկանաձկները․․․
— Հիանալի՜ են այս տափակաձկները․․․
— Հրաշալի՜ են այս թառափները․․․
— Սիրելի՜ են այս անձրուկները․․․
Ինչպես և կարող եք պատկերացնել, փրփրաձկները, երկանաձկները, տափակաձկները, թառափները և անձրուկները՝ բոլորն էլ խառը գնացին կոնքի մեջ՝ արքայաձկների հետ ընկերություն անելու։
Վերջինը, որ մնաց ուռկանի մեջ, Պինոքիոն էր։
Հենց որ ձկնորսը նրան դուրս քաշեց, կանաչ աչքերը զարմանքից չռվեցին ու սարսափած գոռաց.
— Այս ի՞նչ ձկան ցեղ է, այս ձևի ձուկ չեմ հիշում, թե երբևէ կերած լինեմ։
Եվ ուշադրությամբ սկսեց դիտել։ Մի լավ զննելուց հետո այսպես եզրափակեց.
— Արդեն գլխի ընկա բանն ինչումն է. սա, ըստ երևույթին, ծովային խեցգետին է։
Այդ ժամանակ Պինոքիոն տեսնելով, որ իրեն շփոթում են խեցգետնի հետ, ասաց հուզված ու վրդովված ձայնով.
— Այդ ի՞նչ խեցգետնի-մեցգետնի մասին է խոսքը։ Մի տես, թե ինչպե՜ս են վարվում ինձ հետ։ Թող ձեզ ի գիտություն լինի, որ ես բուրատինո եմ։
— Բուրատինո՞,— կրկնեց ձկնորսը։— Ճշմարիտ եմ ասում, բուրատինո ձուկը ինձ համար մի նոր ձուկ է։ Այդ ավելի լավ, մեծ հաճույքով կուտեմ քեզ։
— Ինձ կուտե՞ք. չե՞ք հասկանում, որ ես ձուկ չեմ, թե՞ չեք զգում, որ ես էլ եմ խոսում ու դատում, ինչպես դուք։
— Շատ ճիշտ է,— ավելացրեց ձկնորսը,— և որովհետև տեսնում եմ, որ ձուկ ես ու բախտ ունես ինձ նման խոսելու և դատելու, դրա համար էլ ուզում եմ քեզ պատշաճ հարգանքով օգտագործել։
— Իսկ ո՞րն է այդ հարգանքը․․․
— Այն, որ ի նշան բարեկամության ու հատուկ մեծարանքի, ես քեզ կթողնեմ, որ դու ընտրես, թե ինչպես ես ուզում եփվել։ Կցանկանայիր տապակվել թավայո՞ւմ, թե գերադասում ես եփվել պղնձում՝ լոլիկի սոուսով։
— Ճիշտն ասած,— պատասխանեց Պինոքիոն,— եթե այդ ընտրությունը ե՛ս եմ կատարելու, ապա ավելի շուտ կգերադասեի այստեղից ազատվել՝ տուն վերադառնալու համար։
— Կատա՞կ ես անում, ինչ է։ Մի՞թե քեզ թվում է, թե ես կարող եմ բաց թողնել այսպիսի մի հազվագյուտ ձուկ ճաշակելու հարմար առիթը։ Այսքան ժամանակ այս ծովերում դեռ ձեռքս բուրատինո ձուկ չի ընկել։ Իմ գործերին մի խառնվի, ես քեզ թավայում կտապակեմ՝ մյուս ձկների հետ միասին, և դու շատ գոհ կմնաս։ Ընկերների հետ տապակվելը միշտ էլ մխիթարություն է։
Դժբախտ Պինոքիոն այս բառերը լսելիս՝ սկսեց լաց լինել, ճղղալ, աղաղակել, անընդհատ կրկնելով. «Ինչքա՜ն լավ կլիներ, եթե դպրոց գնացած լինեի․․․ Ուզեցի ընկերներիս լսել, դե հիմա էլ վճարի՛ր․․․ Ըհի՛․․․ ըհի՛․․․ ըհի՛․․․»։
Եվ որովհետև օձի նման անվերջ կուտապ-կուտապ էր գալիս, ամեն ջանք գործադրելով՝ դուրս պրծնելու կանաչ ձկնորսի ճանկերից ապա սա էլ վերցրեց եղեգնյա մի լավ ճիպոտ և, բուրատինոյի ձեռքերն ու ոտքերը երշիկի ծայրերի նման ամուր կապելուց հետո, գցեց կոնքի մեջ գտնվող ձկների տակ։
Այնուհետև դուրս բերելով ալյուրով լի փայտյա տաշտը, սկսեց ալյուրապատել ձկներին ու մեկը մյուսի ետևից նետել թավայի մեջ՝ տապակելու համար։
Եռացող յուղի մեջ առաջին պարողները խեղճ փրփրաձկներն էին, այնուհետև հերթը հասավ թառափներին, հետո երկանաձկներին, նրանցից հետո՝ տափակաձկներին ու անձրուկներին, և, վերջապես, եկավ Պինոքիոյի հերթը։ Նա էլ մահն այսքան մոտ տեսնելով (և ի՜նչ սոսկալի մահ), մի այնպիսի ահ ու սարսափ զգաց, որ այլևս ո՛չ կարողանում էր շնչել, ո՛չ էլ ձայն էր մնացել, որ խնդրի։
Խեղճ տղայի աղաչանքն աչքերով էր միայն արտահայտվում։ Բայց կանաչ ձկնորսը ո՛չ մի ուշադրություն չդարձնելով նրա վրա, հինգ թե վեց անգամ թաթախեց ալյուրի մեջ, այնքան լավ ալյուրապատելով, որ թվում էր, թե կավճյա բուրատինո է դառել։
Այնուհետև բռնեց գլխից և․․․
XXIX. Պինոքին վերադառնում է Ֆեյայի տուն։ Ֆեյան խոստանում է, որ հաջորդ օրը նա ոչ թե բուրատինո, այլ իսկական տղա է դառնալու։ Սուրճի և կաթի մեծ նախաճաշ՝ այդ նոր իրադարձության առթիվ
Այն պահին, երբ ձկնորսը էն է հա՛ բուրատինոյին պիտի թավայի մեջ գցեր, քարանձավ մտավ մի մեծ շուն, որը տապակածի համեղ հոտին էր եկել։
— Դո՛ւրս կորիր,— բղավեց ձկնորսը, սպառնալով նրան ու վայր չդնելով ալյուրապատ բուրատինոյին։
Սակայն խեղճ շան փորը քաղցից վեց–վեց էր անում, մռմռալով ու պոչը շարժելով, նա կարծես ասում էր.
— Տապակածից մի քիչ տուր ինձ, և ես քեղ հանգիստ կթողնեմ։
— Ասում եմ կորի՛ր այստեղից,— կրկնեց ձկնորսը և ոտքը մեկնեց, որ քացով խփի։
Այն ժամանակ շունը, որ իսկապես քաղցած էր և սովոր չէր, որ քթի վրա նույնիսկ ճանճ իջնի, կատաղությամբ հարձակվեց ձկնորսի վրա, ցույց տալով նրան իր սարսափելի ժանիքները։
Հենց այդ րոպեին քարանձավում մի շատ բարակ ձայն լսվեց, որն ասաց.
— Փրկի՛ր ինձ, Ալիդորո. եթե չփրկես, ես տապակված եմ․․․
Շունը, անմիջապես ճանաչեց Պինոքիոյի ձայնը և լցվեց մեծագույն զարմանքով, երբ նկատեց, որ այդ բարակ ձայնը դուրս է գալիս այն ալրաթաթախ կապոցից, որ գտնվում էր ձկնորսի ձեռքին։
Եվ ի՞նչ արեց. մի ակնթարթում ցատկեց տեղից, խլեց ալյուրապատ կապոցը և, թեթևորեն սեղմելով ատամների մեջ, դուրս թռավ քարանձավից ու կայծակի արագությամբ սլացավ։
Ձկնորսը կատաղած, որ ձեռքից հափշտակեցին այն ձուկը, որը նա պատրաստվում էր այնպիսի մեծ ախորժակով ուտել, փորձեց վազելով հասնել շանը։ Բայց մի քանի քայլ անելուց հետո այնպիսի մի հազ բռնեց, որ ստիպված ետ դարձավ։
Մինչդեռ Ալիդորոն, գտնելով քաղաք տանող շավիղը, կանգ առավ և մեծ խնամքով վայր դրեց Պինոքիոյին։
— Ինչքա՜ն շնորհակալ եմ քեզնից,— ասաց բուրատինոն։
— Կարիք չկա,— վրա բերեց շունը,— չէ՞ որ դու էլ ինձ ես փրկել. արած լավությունը չի կորչում. աշխարհում միշտ էլ մեկը մյուսին պետք է օգնի։
— Սակայն ինչպե՞ս էիր ընկել այդ քարանձավը։
— Ես դեռ այն ժամանակից հալից ընկած փռվել էի ափում, երբ քամին հեռվից տապակածի հոտ հասցրեց քթիս։ Այդ բանն այնպես գրգռեց ախորժակս, որ հոտը բռնեցի ու եկա։ Բա որ մի րոպե ուշ հասնեի՞․․․
— Էլ մի՛ ասի,— բացականչեց Պինոքիոն, որը սարսափից դեռ դողում էր։— Էլ մի՛ ասի։ Եթե մի րոպե էլ ուշ գայիր, ես հիմա տապակված վերջացած և կերած ու մարսված կլինեի։ Օ՜յ․․․ որ հիշում եմ մարմինս փշաքաղվում է․․․
Ալիդորոն ծիծաղելով աջ թաթը մեկնեց բուրատինոյին, որն ամուր-ամուր սեղմեց այն ի նշան մեծ բարեկամության, և հետո բաժանվեցին։
Շունը նորից բռնեց տան ճանապարհը, իսկ Պինոքիոն, մենակ մնալով, գնաց մոտակա հյուղակը, որի շեմքին արևի տակ մի ծերուկ էր տաքանում, և հարցրեց.
— Ասացեք, ազնիվ մարդ, տեղեկություն չունե՞ք, արդյոք, գլխից վիրավորված մի խեղճ տղայի մասին, որի անունը Եվգենի է․․․
— Այդ տղային մի քանի ձկնորսներ բերել էին այս հյուղակը, բայց այժմ․․․
— Այժմ երևի մեռած է,— ընդհատեց Պինոքիոն խորը վշտացած։
— Չէ՛, այժմ կենդանի է, բայց արդեն վերադարձել է իրենց տուն։
— Իսկապե՞ս, իսկապե՞ս,— բացականչեց Պինոքիոն, ուրախությունից թռչկոտելով։— Ուրեմն վերքը վտանգավոր չէ՞ր․․․
— Բայց կարող էր շատ վտանգավոր լինել, նույնիսկ մահացու,— պատասխանեց ծերուկը,— որովհետև նրա գլխին մի հաստ կազմ ունեցող մեծ գրքով էին խփել։
— Իսկ այդ խփողն ո՞վ է եղել։
— Իր դպրոցական ընկերներից մեկը, ինչ-որ Պինոքիո․․․
— Իսկ այդ Պինոքիոն ո՞վ է,— հարցրեց բուրատինոն, ձևանալով, որ ոչինչ չգիտի։
— Ասում են, մի երես առած, թափառաշրջիկ, թոկից փախածի մեկն է․․․
— Զրպարտությո՛ւն է, ամբողջապես զրպարտությո՛ւն։
— Դու ճանաչո՞ւմ ես այդ Պինոքիոյին։
— Դեմքով,— պատասխանեց բուրատինոն։
— Իսկ դու ի՞նչ կարծիքի ես նրա մասին,— հարցրեց ծերուկը։
— Իմ կարծիքով հրաշալի տղա է՝ լի սովորելու ցանկությամբ, լսող, կապված իր հոր և իր ընտանիքի հետ․․․
Մինչդեռ բուրատինոն առանց ամաչելու այդ ստերն էր հնարում, ձեռք տվեց քթին ու տեսավ, որ քիթը մի թզից ավելի է երկարել։ Այն ժամանակ վախեցած սկսեց աղաղակել.
— Ուշադրություն մի՛ դարձրեք, ազնիվ մարդ, իմ գովասանքներին, որովհետև ես շատ լավ եմ ճանաչում այդ Պինոքիոյին և գիտեմ, որ իսկապես մի երես առած, խուլականջ և անպիտան տղա է, որը դպրոց գնալու փոխարեն ընկերների հետ խուժանություն անելու է գնում։
Հենց որ այս վերջին բառերն ասաց, քիթն անմիջապես փոքրացավ և ընդունեց նախկին բնական մեծությունը։
— Բայց ինչո՞ւ ես այդպես սպիտակել,— հարցրեց հանկարծ ծերուկը։
— Հիմա ասեմ․․․ անզգուշաբար պատի եմ քսվել, որը նոր էր սպիտակեցրած,— պատասխանեց բուրատինոն, ամաչելով խոստովանել, որ իրեն որպես ձուկ ալյուրի մեջ են թաթախվել թավայում տապակելու համար։
— Իսկ պիջակդ, շալվարդ, գլխարկդ ի՞նչ ես արել։
— Գողերի հանդիպեցի, հագիցս հանեցին։ Ասացեք, բարի ծերուկ, պատահաբար մի քանի շոր-մոր չե՞ք ունենա, ինձ տալու այնքան, որ կարողանամ տուն վերադառնալ։
— Տղաս, ինչ որ հագուստին է վերաբերում, ապա իմ ունեցածը մի փոքրիկ պարկ է, որի մեջ գարի եմ լցնում, եթե ուզում ես՝ վերցրու, ահա այնտեղ գցած է։
Պինոքիոն երկար խնդրել չտվեց. վերցրեց անմիջապես գարու պարկը, որը դատարկ էր, և մկրատով տակից մի փոքր անցք անելով, երկու անցք էլ՝ կողքերին, շապկի նման հագավ և այդպես թեթև հագնված էլ ուղևորվեց քաղաք։
Սակայն ողջ ճանապարհին նա մի րոպե իրեն հանգիստ չզգաց. մեկ այսպես էր մտածում, մեկ էլ՝ այնպես. մի քայլ առաջ էր անում, մի քայլ ետ և, ինքն իրեն խոսելով, գնում էր ու ասում.
— Ինչպե՞ս եմ ներկայանալու իմ բարի Ֆեյային։ Ի՞նչ կասի նա ինձ տեսնելիս․․․ Կցանկանա՞ արդյոք ներել իմ այս երկրորդ հանցանքը․․․ Գրազ կգամ, որ չի ների․․․ Ա՜խ, իհարկե, չի ների․․․ Վերջին հաշվով ես պարտավոր եմ պատասխանել. ինչո՞ւ եմ այսքան անպիտան, որ միշտ խոսք եմ տալիս ուղղվել, բայց ոչ մի անգամ էլ խոսքս չեմ կատարում․․․
Նա հասավ քաղաք, երբ արդեն մութ գիշեր էր, բայց որովհետև սոսկալի եղանակ էր, և անձրևն էլ այնպես էր գալիս, որ կարծես դույլից թափվելիս լիներ, ուղիղ գնաց Ֆեյայի տուն` որոշելով անպայման դուռը թակել ու ներս մտնել։
Բայց հենց հասավ դռան մոտ, զգաց, որ համարձակությունը չքանում է, և թակելու փոխարեն՝ վազելով մի քսան քայլ հեռու փախավ։ Երկրորդ անգամ մոտեցավ, բայց նորից ոչինչ չորոշեց, մոտեցավ երրորդ անգամ, կրկին ոչինչ չարեց։ Չորրորդ անգամ դողդողալով բռնեց երկաթյա թարթիչը և մի փոքրիկ հարված հասցրեց։
Սպասեց, սպասեց, վերջապես կես ժամից հետո վերջին հարկի լուսամուտներից մեկը բացվեց (տունը չորսհարկանի էր), և Պինոքիոն տեսավ լուսամուտից նայող մի մեծ խխունջ, որի գլխին մի թույլ թարթող լույս կար։ Խխունջը հարցրեց.
— Այդ ո՞վ է այս ժամին։
— Ֆեյան տա՞նն է,— հարցրեց բուրատինոն։
— Ֆեյան քնած է և չի կարելի արթնացնել, իսկ դու ո՞վ ես։
— Ես եմ։
— Եսն ո՞վ է։
— Պինոքիոն։
— Ի՞նչ Պինոքիո։
— Բուրատինոն, որը Ֆեյայի տանն է բնակվում։
— Հաա՜, իմացա,— ասաց Խխունջը,— սպասի՛ր այդտեղ, ես հիմա կիջնեմ և անմիջապես դուռը բաց կանեմ։
— Շտապեք, խնդրում եմ, որովհետև ցրտից մեռնում եմ։
— Տղաս, ես Խխունջ եմ, իսկ խխունջները երբեք չեն շտապում։
Անցավ մի ժամ, անցավ երկու ժամ, իսկ դուռը դեռ չէր բացվում։ Այդ պատճառով էլ Պինոքիոն, որը ցրտից, վախից և թրջվածությունից դողում էր, սիրտ արեց և թակեց երկրորդ անգամ, բայց թակեց ավելի ուժեղ։
Բացվեց երրորդ հարկի լուսամուտներից մեկը, և նույն Խխունջը գլուխը նորից հանեց։
— Սիրելի՛ Խխունջ,— գոռաց փողոցից Պինոքիոն,— արդեն երկու ժամ է, ինչ սպասում եմ։ Իսկ այսպիսի մի երեկոյի երկու ժամը երկու տարուց երկար է թվում։ Շտապեցեք, աղաչում եմ։
— Տղաս,— պատասխանեց նրան լուսամուտից այդ խաղաղ ու սառնարյուն կենդանին,— տղաս, ես Խխունջ եմ, իսկ խխունջները երբեք չեն շտապում։
Եվ լուսամուտը կրկին փակվեց։ Դրանից մի քիչ հետո խփեց գիշերվա ժամը տասներկուսը, հետո մեկը, հետո երկուսը, իսկ դուռը դեռ փակ էր։
Այն ժամանակ Պինոքիոն համբերությունը կորցրած, կատաղորեն ձեռքը գցեց դռան թակիչին՝ մի այնպիսի հարված հասցնելու համար, որ ամբողջ տունը խլանա։ Բայց թակիչը, որը երկաթից էր, հանկարծ դարձավ կենդանի օձաձուկ և, սահելով ձեռքից ընկավ գետին ու անհետացավ փողոցով հոսող առվակում։
— Ախ այդպե՞ս,— բղավեց Պինոքիոն, որի աչքերը զայրույթից մթնել էին,— եթե թակիչն անհետացավ, այդ դեպքում ոտքով կթակեմ։
Եվ թափ առնելով, մի շատ ուժեղ քացի հասցրեց դռանը։ Այդ հարվածն այնքան ուժեղ էր, որ ոտքը մինչև կեսը մտավ դռան փայտի մեջ։ Երբ բուրատինոն փորձեց դուրս քաշել այն, չկարողացավ, որովհետև, ոտքը մեխի նման խրվել էր դռան մեջ։
Պատկերացրեք խեղճ Պինոքիոյին։ Նա պետք է գիշերվա մնացած մասը անցկացներ մի ոտքը գետնին, մյուսը՝ օդում։
Առավոտը լուսաբացին, վերջապես, դուռը բացվեց։ Այդ ժրաջան կենդանին՝ Խխունջը, չորրորդ հարկից մինչև փողոցի մուտքի դուռն իջնելը՝ ընդամենը ինը ժամ էր օգտագործել։ Պետք է խոստովանել, որ դեռ մի լավ էլ քրտնել էր։
— Ի՞նչ եք անում այդ դռան մեջ խրած ոտքով,— հարցրեց նա՝ ծիծաղելով Պինոքիոյի վրա։
— Դժբախտություն է պատահել։ Մի նայեք, սիրելի Խխունջ, գուցե ձեզ հաջողվի ազատել ինձ այս պատժից։
— Տղաս, դրա համար ատաղձագործ է պետք, իսկ ես կյանքումս ատաղձագործություն արած չկամ։
— Խնդրեցեք իմ կողմից Ֆեյային․․․
— Ֆեյան քնած է և չի կարելի արթնացնել։
— Բա ի՞նչ անենք. ուզում եք, որ ես ամբողջ օրը մեխված մնամ այս դռանը կպա՞ծ։
— Զվարճացիր փողոցով անցնող մրջյունները համրելով։
— Գոնե մի ուտելու բան բերեք, ես հալից ընկել եմ։
— Այս րոպեիս,— ասաց Խխունջը։
Իսկապես, երեք ու կես ժամից հետո Պինոքիոն տեսավ, որ նա գլխին արծաթյա մի մատուցարան դրած, վերադառնում է։ Մատուցարանի վրա դրված էր մի բոքոն հաց, մի տապակած հավ և չորս հասած ծիրան։
— Ահա և Ֆեյայի ուղարկած նախաճաշը,— ասաց Խխունջը։ Տեսնելով Աստծո այդ ողորմությունը, բուրատինոն իրեն բոլորովին մխիթարված զգաց։ Սակայն մեծ եղավ նրա հիասթափությունը, երբ սկսելով ուտել, տեսավ, որ հացը կավճից է, հավը կարտոնից, իսկ չորս ծիրանն էլ բնական գույնով ներկած ալաբաստրից։
Նա ուզում էր լալ, ուզում էր անձնատուր լինել հուսահատության, ուզում էր վերցնել մատուցարանը և շպրտել իր ողջ պարունակությամբ։ Բայց այդպես անելու փոխարեն,— ստամոքսի ցավից էր, թե ընդհանուր թուլությունից,— ուշագնաց վայր ընկավ։
Երբ ուշքը գլուխը եկավ, տեսավ, որ պառկած է մի բազմոցի վրա, իսկ Ֆեյան կանգնած է կողքին։
— Ես այս անգամ էլ եմ քեզ ներում,— ասաց նրան Ֆեյան,— բայց վայն եկել է քեզ տարել, եթե մի ուրիշ անգամ էլ քո ասածն անես․․․
Պինոքիոն խոստացավ ու երդվեց, որ լավ է սովորելու և իրեն լավ է պահելու։ Տարվա մնացած կեսի ընթացքում Պինոքիոն կատարեց իր խոստումը։ Եվ իրոք, արձակուրդային քննությունների ժամանակ դպրոցի ամենաառաջավոր աշակերտի պատիվը պատկանում էր նրան։ Իսկ վարքն առհասարակ այնքան գովելի էր, որ Ֆեյան մեծ գոհունակությամբ ասաց.
— Վերջապես վաղը քո ցանկությունը կատարված կլինի։
— Այսի՞նքն։
— Վաղը դու կդադարես փայտյա բուրատինո լինելուց և կդառնաս մի խելամիտ տղա։
Ով չի տեսել Պինոքիոյի ուրախությունը այս լուրի կապակցությամբ, որի համար նա այնքան հառաչել էր, նա չի կարող պատկերացնել այն։ Նրա դպրոցական բոլոր բարեկամներն ու ընկերները պետք է հաջորդ օրը հրավիրվեին Ֆեյայի տուն մեծ նախաճաշի՝ այդ կարևոր իրադարձությունը տոնելու։ Ֆեյան պատրաստել էր տվել երկու հարյուր թաս կաթով սուրճ և չորս հարյուր հատ երեսից ու տակից յուղ քսած բուլկիներ։ Այդ օրը խոստանում էր լինել շատ գեղեցիկ և ուրախ, բայց․․․
Դժբախտաբար բուրատինոների կյանքում միշտ էլ մի «բայց» կա, որն ամեն ինչ փչացնում է։
XXX. Պինոքիոն իսկական տղա դառնալու փոխարեն իր ընկերոջ՝ Լուչինյոլոյի հետ թաքուն գնում է Խաղալիքների Երկիրը
Ինչպես կարգն է, Պինոքիոն անմիջապես Ֆեյայից թույլտվություն խնդրեց՝ քաղաքը շրջելու և հյուրեր հրավիրելու համար։ Ֆեյան ասաց.
— Խնդրեմ, գնա հրավիրիր ընկերներիդ վաղվա նախաճաշին, բայց հիշիր, որ մինչև մութն ընկնելը տանը լինես։ Հասկացա՞ր։
— Խոստանում եմ մի ժամից հետո տանը լինել,— պատասխանեց բուրատինոն։
— Լավ իմացիր, Պինոքիո, երեխաները շուտ խոստանում են, բայց մեծ մասամբ իրենց խոստումը ուշ են կատարում։
— Բայց ես ուրիշների նման չեմ. երբ ես խոսք եմ տալիս, խոստումս միշտ էլ կատարում եմ։
— Տեսնենք։ Եթե խոստումդ չկատարեցիր, քեզ համար է վատ լինելու։
— Ինչո՞ւ։
— Որովհետև այն երեխաները, որոնք ուշադրություն չեն դարձնում իրենցից շատ իմացողների խորհուրդներին, միշտ էլ դժբախտության մեջ են ընկնում։
— Ես այդ արդեն փորձել եմ,— պատասխանեց Պինոքիոն,— և այժմ նորից չեմ ընկնի։
— Կտեսնենք ասածդ որքանով է ճիշտ։
Բուրատինոն շնորհակալություն հայտնեց բարի Ֆեյային, որը նրա համար մոր դեր էր կատարում, և երգելով ու թռչկոտելով դուրս եկավ տանից։ Մի ժամվա ընթացքում նրա բոլոր ընկերներն արդեն հրավիրված էին։ Մի քանիսը հրավերն ընդունեցին անմիջապես ու սրտանց, մի քանիսն էլ սկզբից մի քիչ իրենց խնդրել տվին, սակայն, երբ իմացան, որ նախաճաշի ժամանակ սուրճի և կաթի հետ տրվող բուլկիներին դրսի կողմից նույնպես յուղ քսված կլինի, բոլորն էլ ասացին, «Մենք ևս կգանք՝ քեզ հաճույք պատճառելու համար»։
Այժմ անհրաժեշտ է նշել, որ Պինոքիոն իր դպրոցական ընկերների մեջ մի ընկեր ուներ, որը նրա ամենամոտիկն ու սիրելին էր։ Այդ ընկերոջ անունը Ռոմեո էր, բայց բոլորն էլ Լուչինյոլո[9] մականունն էին տալիս՝ իր բարակության, չորության և նիհարության պատճառով, որը ճիշտ և ճիշտ կարծես թե գիշերային ճրագի նոր գնած պատրույգ լիներ։
Լուչինյոլոն դպրոցի ամենածույլ ու երես առած տղան էր, բայց Պինոքիոն նրան շատ էր սիրում։ Այդ պատճառով էլ անմիջապես գնաց նրան որոնելու՝ նախաճաշի հրավիրելու համար, բայց չգտավ։ Գնաց երկրորդ անգամ, Լուչինյոլոն էլի չկար։ Գնաց երրորդ անգամ, բայց կրկին իզուր։ Որտե՞ղ կարելի է բռնել նրան։ Որոնեց այստեղ, որոնեց այնտեղ, վերջապես տեսավ, որ մի գյուղացու դարպասի տակ թաքնված է։
— Ի՞նչ ես անում այդտեղ,— մոտենալով, հարցրեց նրան Պինոքիոն։
— Սպասում եմ, որ գիշերն ընկնի՝ գնամ․․․
— Ո՞ւր ես գնում։
— Հեռո՜ւ, հեռո՜ւ։
— Իսկ ես էլ քեզ գտնելու համար երեք անգամ տուն եմ գնացել․․․
— Ի՞նչ էիր ուզում ինձանից։
— Չգիտե՞ս ինչ մեծ իրադարձություն է եղել. չգիտե՞ս ինձ վերաբերվող բախտավորության մասին։
— Ի՞նչ բախտավորություն։
— Վաղվանից արդեն դադարում եմ բուրատինո լինելուց և դառնում եմ քո և մյուսների նման տղա։
— Աչքդ լույս։
— Ուրեմն վաղը, նախաճաշի ժամանակ, ես մեր տանը քեզ եմ սպասում։
— Իսկ եթե ես քեզ ասում եմ, որ այսօր երեկոյան գնում եմ։
— Ժամը քանիսի՞ն։
— Գիշերվա կեսին։
— Իսկ ո՞ւր ես գնում։
— Գնում եմ՝ մի երկիր կա, այնտեղ ապրեմ․․․ Նա աշխարհի ամենալավ երկիրն է. իսկական լիության ու առատության երկիր․․․
— Իսկ ինչպե՞ս է կոչվում։
— Կոչվում է Խաղալիքների Երկիր։ Ինչո՞ւ դու էլ չես գալիս։
— Ե՞ս, չէ՛, ո՛չ մի դեպքում։
— Սխալ ես, Պինոքիո։ Հավատա ինձ, որ եթե չգաս, կփոշմանես։ Որտե՞ղ կարող ես մի այլ երկիր գտնել, որ ավելի օգտավետ ու առողջարար լինի մեզ՝ երեխաներիս համար։ Այնտեղ դպրոցներ չկան, այնտեղ ուսուցիչներ չկան, այնտեղ գրքեր չկան։ Այդ օրհնված երկրում երբեք չեն սովորում։ Հինգշաբթի օրերը դպրոց չի լինում, իսկ ամեն շաբաթվա մեջ էլ վեց հինգշաբթի կա, մի հատ էլ կիրակի։ Պատկերացրու, որ աշնանային արձակուրդները սկսվում են հունվարի մեկից և վերջանում՝ դեկտեմբերի վերջին, մի բան, որ ինձ իսկապես դուր է գալիս։ Ահա թե ինչպես պետք է լիներ բոլոր լուսավոր երկրներում․․․
— Իսկ ինչպե՞ս են անցկացնում օրերը Խաղալիքների Երկրում։
— Անց են կացնում առավոտից մինչև երեկո խաղ անելով ու զվարճանալով։ Երեկոյան քնում են, իսկ հաջորդ առավոտյան էլի ամեն ինչ սկսվում է սկզբից։ Ո՞նց է։
— Ա՜խ,— ասաց Պինոքիոն, թեթևորեն շարժելով գլուխը, կարծես թե ասելով. «Այդ այնպիսի մի կյանք է, որ ես ինքս էլ մեծ ուրախությամբ կապրեի»։
— Ուրեմն գալի՞ս ես ինձ հետ, թե չէ։ Այո՛ կամ ո՛չ, որոշիր։
— Չէ՛, չէ՛, չէ՛ ու էլի չէ՛։ Ես արդեն խոսք եմ տվել իմ բարի Ֆեյային, որ խելոք տղա դառնամ և խոսքս կատարեմ։ Ավելին, այնպես, ինչպես տեսնում եմ, որ արևն արդեն մայր է մտնում, ապա քեզ հենց այս րոպեիս թողնում եմ ու սլանում։ Ուրեմն ցտեսություն և բարի ճանապարհ։
— Ո՞ւր ես վազում այդպես գլուխդ կորցրած։
— Տուն։ Իմ բարի Ֆեյան ուզում էր, որ ես մինչև մութն ընկնելը վերադառնայի։
— Մի երկու րոպե էլ սպասիր։
— Շա՛տ կուշանամ։
— Միայն երկու րոպե։
— Իսկ եթե Ֆեյան բարկանա՞։
— Բարկանում է բարկանա։ Կբարկանա, կբարկանա՝ հետո էլ կհանգստանա,— ասաց այն անպիտան Լուչինյոլոն։
— Բա ինչպե՞ս ես անում, մենա՞կ ես գնում, թե ընկերների հետ։
— Մենա՞կ։ Հարյո՜ւր հոգուց ավելի կլինենք։
— Իսկ ճանապարհը ոտքո՞վ եք գնալու։
— Գիշերվա կեսին այստեղից մի սայլակառք է անցնելու, որը մեզ կվերցնի և կտանի մինչև այն երջանիկ երկիրը։
— Ինչ ասես կտայի, որ հիմա արդեն կեսգիշեր լիներ․․․
— Ինչո՞ւ։ — Ձեր բոլորի միասին գնալը տեսնելու համար։
— Մի քիչ էլ կաց, կտեսնես։
— Չէ՛, չէ՛, տուն եմ գնում։
— Մի երկու րոպե էլ սպասիր։
— Առանց այն էլ շատ ուշացա, Ֆեյան կարող է անհանգստանալ։
— Խե՜ղճ Ֆեյա. գուցե վախենում է, որ քեզ չղջիկները կուտեն։
— Ուրեմն,— ավելացրեց Պինոքիոն,— դու իսկապե՞ս համոզված ես, որ այդ երկրում դպրոցներ չկան․․․
— Առանց կասկածելու։
— Նույնիսկ ուսուցիչնե՞ր էլ չկան․․․
— Ո՛չ մի հոգի։
— Եվ երբեք չեն էլ պարտադրում սովորե՞լ։
— Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք։
— Ի՜նչ հրաշալի երկիր է,— ասաց Պինոքիոն, զգալով, որ բերնի ջուրը գնում է։— Ի՜նչ հրաշալի երկիր է, ես երբեք այնտեղ չեմ եղել, բայց արդեն պատկերացնում եմ․․․
— Ինչո՞ւ դու էլ չես գալիս։
— Իզուր ես ինձ հրապուրում. ես այժմ արդեն իմ բարի Ֆեյային խոսք եմ տվել խելացի տղա դառնալ և չեմ ուզում տված խոսքս կատարած չլինել։
— Ուրեմն, մնաս բարով, և իմ կողմից շատ բարևիր գիմնազիական և լիցեյական դպրոցներին, եթե ճանապարհին հանդիպես նրանց։
— Գնաս բարով, Լուչինյոլո, բարի ճանապարհ, զվարճացիր և մեկ-մեկ էլ ընկերներիդ հիշիր։
Այսպես ասելով, բուրատինոն երկու քայլ արեց հեռանալու համար, սակայն նորից կանգ առավ ու, շուռ գալով դեպի ընկերը, հարցրեց.
— Բայց դու իսկապե՞ս համոզված ես, որ այդ երկրում շաբաթվա մեջ վեց հինգշաբթի կա, մի հատ էլ կիրակի։
— Դեռ իսկապեսից մի բան էլ ավել։
— Հետո, հաստա՞տ գիտես, որ դպրոցական արձակուրդները հունվարի մեկից սկսվում են, դեկտեմբերի վերջին վերջանում։
— Հաստատից էլ մի բան ավել։
— Ի՜նչ հրաշալի երկիր է,— անսահման հիացմունքից թքելով կրկնեց Պինոքիոն։
Այնուհետև, որոշակիորեն ու մեծ շտապողականությամբ ավելացրեց.
— Ուրեմն իսկականից մնաս բարով, բարի ճանապարհ։
— Մնաս բարով։
— Ինչքա՞ն ժամանակ հետո կգնաք։
— Երկու ժամից հետո։
— Ափսո՜ս։ Եթե մինչև գնալը միայն մի ժամ մնացած լիներ, գուցե մի կերպ կարողանայի սպասել։
— Իսկ Ֆեյա՞ն։
— Միևնույնն է, արդեն ուշացել եմ․․․ Հիմա մի ժամ շուտ վերադառնամ, մի ժամ ուշ, միևնույն հաշիվն է։
— Խե՜ղճ Պինոքիո։ Իսկ եթե Ֆեյան վրադ բարկանա՞։
— Է, թող բարկանա։ Կբարկանա, կբարկանա, հետո էլ կհանգստանա։
Մինչդեռ արդեն գիշեր էր և այն էլ շատ մութ գիշեր, երբ հանկարծ հեռվում մի թույլ երերացող լույս տեսան․․․ Այնուհետև զանգակների զնգզնգոց լսեցին, մեկ էլ փողի մի ձայն, որն այնքան թույլ էր հնչում, որ թվում էր թե մոծակի տզզոց է։
— Ահա՛ և նա, — ոտքի կանգնելով բացականչեց Լուչինյոլոն։
— Այդ ո՞վ է,— կիսաձայն հարցրեց Պինոքիոն։
— Այն սայլակառքը, որը գալիս է ինձ տանելու։ Ուրեմն ասա, ուզո՞ւմ ես գալ. կամ հա՛, կամ չէ՛։
— Բայց իսկապե՞ս ճիշտ է,— հարցրեց Պինոքիոն,— որ այդ երկրում երեխաներին երբեք չեն պարտադրում սովորել։
— Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք։
— Ի՜նչ հրաշալի երկիր է․․․ Ի՜նչ հրաշալի երկիր է․․․ Ի՜նչ հրաշալի երկիր է․․․
XXXI. Խաղալիքների Երկրի հինգ ամսից հետո Պինոքիոն զարմանքով զգում է, որ գլխին մի զույգ էշի ականջներ են դուրս գալիս, և նա պոչով ու ամեն ինչով դառնում է մի իսկական էշ
Վերջապես սայլակառքը եկավ։ Եկավ նույնիսկ առանց չնչին աղմուկ հանելու, որովհետև անիվները վուշով ու ծլանքներով էին փաթաթված։ Սայլակառքը քաշում էին տասներկու զույգ ավանակներ, բոլորն էլ միևնույն մեծության, բայց տարբեր գույնի։
Մի քանիսը մոխրագույն էին, մի քանիսը սպիտակ, մի քանիսը չալ ու բալաք, իսկ մյուսներն էլ դեղին ու կապույտ գույնի զոլերով։
Ամենազարմանալին այն էր, որ այդ տասներկու զույգ կամ քսանչորս ավանակները պայտած լինելու փոխարեն, ինչպես լինում են բոլոր տեսակի բեռնակիր կամ լծու կենդանիները, ոտներին սպիտակ կովի փոստից մարդու համար կարած կոշիկներ ունեին։
Իսկ կառապա՞նը․․․
Պատկերացրեք մի մարդուկ, որի լայնքն ավելի է, քան երկարությունը, ճարպագնդի նման փափուկ ու գիրուկ, խնձորի պես կարմրիկ երեսով, անընդհատ ծիծաղող բերանով ու տանտիրուհուն դիմող կատվի նման բարակ ու փաղաքշող ձայնով։
Հենց որ երեխաները տեսնում էին նրան, անմիջապես սիրահարվում էին վրան և սկսում իրար հրհրել՝ առաջինը նրա սայլակառքը բարձրանալու և նրա հետ աշխարհագրական քարտեզում հայտնի այն կախարդական երկիրը գնալու համար, որի հրապուրիչ անունը Խաղալիքների Երկիր էր։ Եվ, իսկապես, սայլակառքն արդեն ամբողջապես լցված էր ութից մինչև տասներկու տարեկան երեխաներով, որոնք այնպես էին նստել մեկը մյուսի վրա, կարծես թե աղ դրած տառեխ լինեին։ Կանգնել էին վատ դիրքով, անհարմար, կուչ եկած, չէին կարողանում նույնիսկ շունչ քաշել։ Սակայն, ոչ ոք օֆ չէր անում, ոչ ոք չէր դժգոհում։ Այն գիտակցությունը, որ մի քանի ժամից հետո կհասնեն մի երկիր, որտեղ ո՛չ գրքեր են լինելու, ո՛չ դպրոցներ, ո՛չ ուսուցիչներ, այնքան գոհ և համբերատար էր դարձրել նրանց, որ ո՛չ դժվարություն էին զգում, ո՛չ հոգնություն, ո՛չ քաղց, ո՛չ ծարավ, ո՛չ էլ քնելու ցանկություն։
Հենց որ սայլակառքը կանգ առավ, մարդուկը ժպտալով, հազար ու մի տեսակ կոտրատվող շարժուձևերով դիմեց Լուչինյոլոյին.
— Ասա ինձ, իմ գեղեցիկ տղա, դու է՞լ ես ուզում այն երջանիկ երկիրը գալ։
— Իհարկե, ուզում եմ։
— Բայց ես քեզ նախազգուշացնում եմ, որ կառքում այլևս տեղ չկա։ Ինչպես տեսնում ես, ամբողջապես լիքն է․․․
— Սպասեք,— պատասխանեց Լուչինյոլոն,— եթե կառքի մեջ տեղ չկա, ես կաշխատեմ մի կերպ նստել կառքի լծափայտի վրա։
Եվ ցատկելով, բարձրացավ ու նստեց լծափայտի վրա։
— Իսկ դո՞ւ, սիրելիս,— հարցրեց մարդուկը, հաճոյաբար դիմելով Պինոքիոյին,— ի՞նչ ես մտադիր անել, գալի՞ս ես մեզ հետ, թե մնում ես․․․
— Մնում եմ,— պատասխանեց Պինոքիոն։— Ես ուզում եմ տուն վերադառնալ, ուզում եմ սովորել և պատիվս բարձրացնել, ինչպես որ անում են բոլոր խելացի երեխաները։
— Բարի ճանապարհ։
— Պինոքիո,— ասաց այն ժամանակ Լուչինյոլոն,— ինձ լսիր, արի՛ գնանք մեզ հետ, շատ ուրախ կլինի։
— Չէ՛, չէ՛, չէ՛։
— Արի՛ մեզ հետ, շատ ուրախ կլինի, — կանչեցին սայլակառքի միջից մի չորս այլ ձայներ։
— Արի՛ մեզ հետ, շատ ուրախ կլինի,— կառքի միջից աղաղակեցին մի հարյուր հոգի միասին։
— Իսկ եթե ձեզ հետ գամ, բա իմ բարի Ֆեյան ի՞նչ կասի,— պատասխանեց Պինոքիոն, որն սկսել էր արդեն կակղել ու տատանվել։
— Դատարկ բաների մասին մտածելու կարիք չկա։ Հասկացի՛ր, որ մի երկիր ենք գնում, որտեղ առավոտից մինչև իրիկուն գլխավոր աղմուկ ու աղաղակ անողները մենք ինքներս ենք լինելու։
Պինոքիոն չպատասխանեց, բայց մի հոգոց քաշեց, հետո քաշեց երկրորդը, քաշեց երրորդը, և, վերջապես, ասաց.
— Մի փոքր տեղ արեք ինձ, ես էլ եմ գալիս․․․
— Բոլոր տեղերն էլ զբաղված են,— պատասխանեց մարդուկը,— բայց ապացուցելու համար, թե դու որքան ցանկալի ես, կարող եմ քեզ զիջել իմ տեղը․․․
— Իսկ դո՞ւք․․․
— Ես ոտքով կգնամ։
— Չէ՛, իսկապես եմ ասում, ես այդ թույլ չեմ տա։ Ես ավելի շուտ կգերադասեմ այս ավանակներից մեկին հեծնել,— վրա բերեց Պինոքիոն։
Ասածն՝ արած էր. մոտեցավ առաջին զույգի աջ կողմի էշին և ուզեց հեծնել, բայց էշը վայրկենապես շրջվեց ու դնչով մի այնպիսի հարված տվեց նրա ստամոքսին, որ Պինոքիոն ոտքերը չռած գլուխկոնծի տվեց։
Պատկերացրեք այդ տեսարանին ներկա գտնվող երեխաների անզուսպ հռհռոցը։
Բայց մարդուկը չծիծաղեց։ Նա սիրալիր մոտեցավ ապստամբող ավանակին և, ձևանալով, որ իբր ուզում է համբուրել, կծեց ու կտրեց էշի աջ ականջի կեսը։
Մինչդեռ Պինոքիոն գետնից վեր բարձրացավ կատաղած և մի ուժեղ ցատկոցով թռավ ու նստեց խեղճ ավանակի մեջքին։ Նա ցատկեց այնքան գեղեցիկ ու հմտորեն, որ երեխաներն անմիջապես վերջ տալով ծիծաղելուն, բացականչեցին. «Կեցցե՜ Պինոքիոն», և այնպիսի ծափահարություն սկսեցին, որ այլևս վերջ չուներ։
Բայց հանկարծ էշը մի անգամից բարձրացրեց ետևի երկու ոտքերն ու այնպիսի մի ուժեղ քացի տվեց, որ խեղճ բուրատինոյին շպրտվեց ուղիղ փողոցի մեջտեղը, խճի մի բլուրի վրա։
Բոլորը նորից փռթկացրին, բայց մարդուկը ծիծաղելու փոխարեն այնպիսի բուռն սիրով համակվեց դեպի այդ անհնազանդ ավանակը, որ մի համբույրով պոկեց տարավ նրա մյուս ականջի լրիվ կեսը։ Հետո ասաց բուրատինոյին.
— Նորից բարձրացիր, խնդրեմ, և այլևս մի վախեցիր։ Այդ էշը մի քիչ խելքը ետ է տվել, բայց ես նրա ականջին երկու բառ ասացի և հույս ունեմ, որ սրանից հետո համեստ ու գիտակից կլինի։
Պինոքիոն բարձրացավ-նստեց, և կառքն սկսեց շարժվել։ Բայց այն ժամանակ, երբ կենտրոնական սալարկած ճանապարհով ավանակները վազում էին, իսկ կառքի անիվներն էլ իրենց պտույտը գործում, բուրատինոյին թվաց, թե մի շատ ցածր ձայն լսեց, որը նրան ասաց.
— Դժբա՜խտ հիմար. ուզեցիր քո ասածն անել, բայց կզղջաս։
Պինոքիոն գրեթե սարսափահար այս ու այն կողմ նայեց, որոշելու համար, թե ո՛ր կողմից եկան այդ բառերը, բայց ոչ ոքի չտեսավ։ Ավանակները վազում էին, կառքի անիվներն իրենց պտույտը գործում, երեխաները կառքի մեջ քնել էին, Լուչենյոլոն խռռացնում էր արջամկան նման, իսկ մարդուկն էլ կառքի նստիքի վրա ցածր-ցածր երգում էր.
Բոլորը գիշերը քնում են,
Իսկ ես չեմ քնում երբեք․․․
Եվս կես կիլոմետր ճանապարհ կտրելուց հետո, Պինոքիոն լսեց միևնույն բարակ ձայնը, որը նրան ասաց.
— Միտդ պահիր, տխմա՛ր. այն երեխաները, որոնք սովորելը թողնում են ու գրքերից, դպրոցից, ուսուցիչներից երես թեքում, տրվելով ամբողջապես խաղի ու զվարճության, բացի դժբախտությունից այլ բանի չեն հասնի․․․ Ես այդ իմ փորձից գիտեմ․․․ և դրա համար էլ քեզ եմ ասում։ Կգա մի օր, երբ դու էլ լաց կլինես, ինչպես այսօր ես եմ լաց լինում․․․ Բայց այն ժամանակ արդեն ուշ կլինի․․․
Այդ փսփսոցից Պինոքիոն ավելի սարսափած, քան երբևէ, ցած թռավ իր տեղից ու գնաց, որպեսզի բռնի իր էշի դունչը։
Բայց պատկերացրեք, թե ոնց սառեց տեղն ու տեղը, երբ նկատվեց, որ իր էշը լաց է լինում․․․
Եվ լաց էր լինում ուղղակի երեխայի նման։
— Է՛յ սինյոր մարդուկ,— ձայն տվեց Պինոքիոն կառապանին,— գիտե՞ք ինչ նորություն կա. այս էշը լաց է լինում։
— Թող լաց լինի. երբ ամուսնանա, կծիծաղի։
— Գուցե դուք նրան խոսե՞լ էլ եք սովորեցրել։
— Չէ, մի քանի բառ ինքն իրեն է սովորել, երեք տարի գտնվելով վարժեցրած շների միջավայրում։
— Խե՜ղճ անասուն․․․
— Շո՛ւտ արա, շո՛ւտ արա,— ասաց մարդուկը,— ժամանակ չկորցնենք մի էշի լաց լինելու համար։ Հեծի՛ր նորից, գնա՛նք. գիշերը ցուրտ է, ճանապարհն էլ՝ երկար։
Պինոքիոն առանց որևէ առարկության ենթարկվեց։ Կառքը նորից սկսեց իր ընթացքը։ Առավոտյան արշալույսին ապահով ու հաջողությամբ հասան Խաղալիքների Երկիրը։
Այդ երկիրը չէր նմանվում աշխարհի և ո՛չ մի երկրի։ Նրա բնակչությունն ամբողջապես բաղկացած էր երեխաներից։ Ամենածերերը տասնչորս տարեկան էին, ամենաերիտասարդները՝ ութ։ Փողոցներում մի այնպիսի ուրախություն էր տիրում, մի այնպիսի աղմուկ, մի այնպիսի ծվծվոց, որ մարդու խելագարեցնում էր։ Ամենուրեք չարաճճիների խմբեր էին. մեկը ընկույզ էր խաղում, մեկը քար էր խաղում, մեկը՝ գնդակ, մեկը հեծանիվ էր քշում, մյուսը՝ փայտե ձի. սրանք պահմտոցի էին խաղում, նրանք մրցավազք էին անում. մի քանիսը, որոնք հագնված էին կրկեսի աճպարարների նման, վառած վուշ էին ուտում. մեկն արտասանում էր, մյուսը երգում, մեկը մահացու թռիչքներ էր անում, մյուսը ձեռքերի վրա ման գալով զվարճանում, մեկը գլորան էր քշում, մյուսը զբոսնում գեներալի նման հագնված թղթե սաղավարտով ու թղթե սրով. մեկը ծիծաղում էր, մյուսը կանչում, մեկը ծափ էր տալիս, մյուսը սուլում, երրորդը ձու ածած հավի նման կչկչում․․․ Մի խոսքով, այնպիսի մի պանդեմոնիում[10], այնպիսի մի իրարանցում, այնպիսի ղռվռոց, այնպիսի սատանայական աղմուկ ու աղաղակ, որ չխլանալու համար անհրաժեշտ էր ականջները բուրդ խրել։ Բոլոր հրապարակներում վրան զարկած թատերախմբեր կային, որոնց շուրջը առավոտից մինչև երեկո երեխաներ էին վխտում։ Բոլոր տների պատերի վրա հրաշալի բաներ էին գրած, ինչպես օրինակ՝ Կեցցե խալիքները (Խաղալիքները գրելու փոխարեն), այլևս դրոց չենք ուզում (այլևս դպրոց չենք ուզում գրելու փոխարեն), կորչի Թվան Բանը (Թվաբանության գրելու փոխարեն) և այլ այսպիսի բաներ։
Պինոքիոն, Լուչինյոլոն և մյուս բոլոր տղաները, որոնք ճանապարհորդությունը կատարել էին մարդուկի հետ, ոտքերը քաղաք դնելն ու այդ հսկայական աղմուկ-աղաղակի մեջ խրվելը մեկ արին։ Մի քանի րոպեից հետո, ինչպես դժվար չէ այդ պատկերացնել, բոլորի հետ ընկերացան։ Ո՞վ կարող էր նրանցից ավելի շատ երջանիկ ու գոհ լինել։
Վերջ չունեցող հաճույքների ու տարբեր տեսակի զվարճությունների մեջ օրերը, շաբաթներն անցնում էին ակնթարթի նման։
— Ա՜խ, ինչ չնաշխարհիկ կյանք է,— ասում էր Պինոքիոն ամեն անգամ, պատահական կերպով Լուչինյոլոյին հանդիպելիս։
— Տեսնո՞ւմ ես, ուրեմն, որ ես իրավացի էի,— վրա էր բերում վերջինս։— Իսկ դու չէիր ուզում գալ։ Գլուխդ էիր գցել քո Ֆեյայի տուն վերադառնալը, որպեսզի սովորելու համար ժամանակ կորցնեիր․․․ Եթե դու այսօր ազատ ես գրքերի ու դպրոցի պատճառած ձանձրույթից, ապա դրանով պարտական ես ինձ, իմ խորհուրդներին, իմ ջանքերին, այդպես չէ՞։ Միայն իսկական ընկերները կարող են այսպիսի մեծ ծառայություն մատուցել։
— Ճիշտ է, Լուչինյոլո, եթե ես այսօր իսկապես գոհ եմ, այդ քո շնորհքն է։ Իսկ ուսուցիչը, ընդհակառակը, գիտե՞ս ինչ էր ասում քո մասին, ինձ միշտ ասում էր. «Ընկերություն մի անի այդ ծույլ Լուչինյոլոյի հետ, որովհետև Լուչինյոլոն շատ վատ ընկեր է և բացի վատ խորհուրդներից, ոչ մի լավ բան չի սովորեցնի․․․»։
— Ողորմելի ուսուցիչ,— ասաց Լուչինյոլոն, գլուխն օրորելով։— Ես շատ լավ գիտեմ, որ նա ինձանից ձանձրացել էր ու իր զվարճությունն ինձ անվերջ բամբասելու մեջ էր գտնում, բայց ես մեծահոգի եմ և ներում եմ նրան։
— Մե՜ծ հոգի,— ասաց Պինոքիոն, սրտանց գրկելով ընկերոջը և համբուրելով նրա աչքերը։
Մինչդեռ արդեն հինգ ամիս էր, ինչ շարունակվում էր այդ հրաշալի կյանքը, ամբողջ օրերը խաղի ու զվարճության մեջ, առանց որևէ գրքի կամ դպրոցի երես տեսնելու, երբ մի առավոտ Պինոքիոն արթնանալով, բոլորովին անսպասելի մի մեծ տհաճություն ունեցավ, որն ամբողջապես փչացրեց նրա տրամադրությունը։
XXXII. Գլխին էշի ականջներ դուրս գալուց հետո Պինոքիոն իսկական էշ է դառնում և սկսում է զռալ
Այդ ի՞նչ անսպասելի բան էր։
— Կասեմ ձեզ, իմ սիրելի և փոքրիկ ընթերցողներ, այդ այն էր, որ երբ Պինոքիոն արթնացավ, ուզեց գլուխը քորել, ինչպես այդ իհարկե, պատահում է, նկատեց․․․ Գուշակեցեք, թե ի՞նչ նկատվեց։
Նա մեծագույն զարմանքով նկատեց, որ իր ականջները մի թզից ավելի են երկարել։
Դուք գիտեք, որ բուրատինոն դեռ իր ծննդյան օրից շատ փոքրիկ-փոքրիկ ականջներ ուներ, այնքան փոքրիկ, որ հասարակ աչքով նույնիսկ չէր էլ կարելի նկատել։ Պատկերացրեք, ուրեմն, թե նա ինչպես տեղն ու տեղը սառեց ու մնաց, երբ տեսավ, որ ականջները գիշերվա ընթացքում այնքան էին երկարել, որ կարծես թե ճահճում բուսնող եղեգնյա երկու ավել լինեին։
Անմիջապես գնաց մի հայելի որոնելու, որ կարողանա իրեն տեսնել։ Բայց հայելի չգտնելով, ջուր լցրեց լվացարանի կոնքի մեջ և, նայելով այնտեղ, տեսավ այն, ինչ երբեք չէր ցանկանա տեսնել, այսինքն՝ տեսավ էշի մի զույգ ականջներով զարդարված իր կերպարանքը։
Ձեզ եմ թողնում պատկերացնել, խեղճ Պինոքիայի վիշտը, ամոթը և հուսահատությունը։
Սկսեց լաց լինել, ճղղալ, գլուխը պատերին խփել։ Բայց որքան շատ էր հուսահատորեն ճղղում, այնքան ավելի էին աճում ականջները և աճելու հետ էլ՝ ծայրերը սկսում էին մազակալել։
Այդ սուր ճղղացի վրա սենյակ մտավ մի գեղեցիկ Արջամկնիկ, որը մի հարկ վերև էր բնակվում։ Վերջինս, տեսնելով Պինոքիոյին այդպիսի մի մեծ հուսահատության մեջ, սիրալիր ուշադրությամբ հարցրեց.
— Ի՞նչ է պատահել, իմ սիրելի հարևան։
— Հիվանդ եմ, Արջամկնիկ ջան, շատ եմ հիվանդ․․․ և հիվանդ եմ մի այնպիսի հիվանդությամբ, որն ինձ սարսափեցնում է։ Դու որևէ բան հասկանո՞ւմ ես զարկերակից։
— Մի քիչ։
— Այդ դեպքում մի տես, հո ջերմություն չունե՞մ։
Արջամկնիկը բարձրացրեց առջևի աջ ոտքի թաթը և, Պինոքիոյի զարկերակը շոշափելուց հետո, հոգոց քաշելով ասաց.
— Բարեկամս, ինձ վշտացնում է այն, որ ես քեզ մի շատ վատ տեղեկություն պիտի հայտնեմ․․․
— Այսի՞նքն։
— Դու շատ բարձր ու սոսկալի ջերմություն ունես։
— Իսկ ի՞նչ ջերմություն կարող է լինել։
— Այդ ավանակային ջերմություն է։
— Չեմ հասկանում՝ այդ ինչ ջերմություն է,— պատասխանեց բուրատինոն, որ դժբախտաբար հասկացել էր։
— Այդ դեպքում ես ինքս քեզ կբացատրեմ,— ավելացրեց Արջամկնիկը։— Հասկացիր, ուրեմն, որ դու մի երկու կամ երեք ժամից հետո այլևս ո՛չ բուրատինո ես լինելու, ո՛չ էլ տղա։
— Բա ի՞նչ եմ լինելու։
— Մի երկու կամ երեք ժամից հետո դու կդառնաս իսկական ավանակ, ինչպես այն ավանակները, որոնք կամ սայլակ են քաշում, կամ թե չէ կաղամբի ու սալաթի բեռ են տանում շուկա։
— Ա՜խ, ես դժբախտս, դժբախտս,— բղավեց Պինոքիոն, երկու ձեռքով բռնելով ականջներից ու պոկելու ցանկությամբ կատաղորեն քաշելով, կարծես դրանք ոչ թե իր, այլ ուրիշի ականջներն էին։
— Սիրելիս,— վրա բերեց Արջամկնիկը նրան մխիթարելու համար,— էլ ի՞նչ ես ուզում անել։ Այդ արդեն քո ճակատագիրն է։ Այդպես է գրված իմաստության գրքերում, որ բոլոր այն ծույլ երեխաները, որոնք ձանձրանում են գրքերից, դպրոցից և ուսուցիչներից, անցկացնելով իրենց օրերը ծուլության, խաղի և զվարճության մեջ, վաղ թե ուշ կյանքները վերջացնում են նրանով, որ դառնում են փոքրիկ ավանակներ։
— Բայց այդ իսկապե՞ս այդպես է,— հեկեկալով հարցրեց բուրատինոն։
— Դժբախտաբար, այո։ Այժմ լաց ու կոծն արդեն իզուր է։ Անհրաժեշտ էր այդ մասին առաջ մտածել։
— Բայց մեղքը իմը չէ. հավատա, Արջամկնիկ, մեղքը ամբողջապես Լուչինյոլյինն է․․․
— Իսկ ո՞վ է այդ Լուչինյոլոն։
— Իմ դպրոցական ընկերներից մեկն է։ Ես ուզում էի տուն վերադառնալ, ուզում էի լսող լինել, հետևել սովորելուն և պատիվս բարձրացնել․․․ Բայց Լուչինյոլոն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես ուզում սովորելով քեզ ձանձրացնել, ինչո՞ւ ես ուզում դպրոց գնալ։ Ավելի լավ է ինձ հետ արի Խաղալիքների Աշխարհը, այնտեղ այլևս մենք չենք սովորելու, այնտեղ առավոտից մինչև երեկո կզվարճանանք և միշտ էլ ուրախ կապրենք»։
— Իսկ ինչո՞ւ դու լսեցիր այդ վատ ընկերոջը։
— Ինչո՞ւ․․․ նրա համար, Արջամկնիկ ջան, որ ես մի անխելք ու անսիրտ բուրատինո եմ․․․ Ա՜խ, եթե ես մի մազի չափ խիղճ ունենայի, երբեք չէի լքի այն բարի Ֆեյային, որը մոր նման ինձ սիրում էր, որն այնքա՜ն լավություն է արել ինձ․․․ և, վերջապես, այժմ բուրատինո չէի լինի․․․ այլ, ընդհակառակը, մի խելամիտ տղա կլինեի, ինչպես շատերն են։ Ա՛խ, թե որ Լուչինյոլոյին հանդիպեմ, վայն եկել է նրան տարել. գլխին շան օյին եմ դնելու․․․
Եվ վեր կացավ, որ գնա։ Բայց երբ դռան շեմքին հասավ, հիշեց, որ էշի ականջներ ունի և, ամաչելով ցույց տալ մարդկանց, ահա թե ինչ հնարեց․․․ Վերցրեց մի հսկայական գլխարկ, խրեց գլուխը և քաշեց մինչև քթի տակ։
Այնուհետև դուրս եկավ և սկսեց ամենուրեք փնտրել Լուչինյոլոյին։ Որոնեց փողոցներում, հրապարակներում, թատրոններում, ամենուրեք, բայց չգտավ։ Հարցրեց փողոցում ամեն մի պատահողի, բայց ոչ ոք նրան չէր տեսել։
Այն ժամանակ որոշեց գնալ տուն։ Դռանը հասնելով ծեծեց.
— Ո՞վ է,— ներսից հարցվեց Լուչինյոլոն։
— Ես եմ,— պատասխանեց բուրատինոն։
— Սպասի՛ր մի քիչ, հիմա կբացեմ։
Կես ժամից հետո դուռը բացվեց։ Բայց պատկերացրեք, թե Պինոքիոն ինչպե՞ս շշմեց մնաց, երբ մտնելով սենյակ, տեսավ, որ իր ընկեր Լուչինյոլոն գլխին մի հսկայական գլխարկ է դրել ու քաշել մինչև քթի տակ։
Այդ գլխարկը տեսնելուն պես, Պինոքիոն իրեն գրեթե մխիթարված զգաց և իր մեջ անմիջապես մտածեց.
«Մի՞թե ընկերս էլ է այս նույն հիվանդությամբ հիվանդացել. մի՞թե նա էլ ավանակային ջերմության ունի․․․ »։
Եվ ձևանալով, որ ոչինչ չի նկատում, ժպտալով հարցրեց.
— Ինչպե՞ս ես ապրում, սիրելի Լուչինյոլո։
— Շատ հրաշալի, ինչպես պանրի հորն ընկած մուկը։
— Լո՞ւրջ ես ասում։
— Ինչո՞ւ պիտի քեզ խաբեի։
— Ներիր ինձ, բարեկամս, այդ դեպքում ինչո՞ւ ես այդ գլխարկը այնպես դրել գլխիդ, որ ականջներդ ծածկել է։
— Բժիշկն է կարգադրել, որովհետև այս ծունկս ցավացրել եմ։ Իսկ դու, սիրելի բուրատինո, հապա դո՞ւ ինչու ես այդ գլխարկը դրել ու քաշել մինչև քթիդ տակ։
— Բժիշկն է կարգադրել, որովհետև, ոտքս քերծել եմ։
— Ա՛խ, խե՜ղճ Պինոքիո․․․
— Ա՛խ, խե՜ղճ Լուչինյոլո․․․
Այս բառերից հետո մի երկար լռություն տիրեց, որի ընթացքում երկու ընկերներն էլ քմծիծաղ էին տալիս ու իրար նայում։
Վերջապես բուրատինոն մեղրի նման քաղցրիկ ձայնով ասաց ընկերոջը.
— Արի ու խոստովանիր, սիրելի Լուչինյոլո, երբևէ ականջացավով տառապե՞լ ես, թե չէ։
— Երբե՛ք։ Իսկ դո՞ւ։
— Երբե՛ք։ Բայց այսօր առավոտից սկսած մի ականջս այնպես է ցավում, որ ցավից ուղղակի մեռնում եմ։
— Այդ նույն ցավը ես էլ ունեմ։
— Դու էլ ունե՞ս․․․ Իսկ ո՞ր ականջդ է ցավում։
— Երկուսն էլ։ Իսկ քո՞նը։
— Երկուսն էլ։ Չլինի՞ թե երկուսինս էլ միևնույն ցավն է։
— Վախենում եմ՝ միևնույնը լինի։
— Եթե մի բան խնդրեմ, կանե՞ս, Լուչինյոլո։
— Շատ սրտանց և ուրախությամբ։
— Մի ականջներդ ինձ ցույց տուր։
— Ինչո՞ւ չէ։ Սակայն սկզբից ես կուզեի քոնը տեսնել, սիրելի Պինոքիո։
— Չէ՛, առաջին ցույց տվողը դու պետք է լինես։
— Չէ՛, ջանիկս, սկզբից դու, հետո՝ ես։
— Լավ,— ասաց բուրատինոն, այդ դեպքում ազնիվ ընկերներին վայել մի պայման կապենք։
— Պայմանը լսենք։
— Արի երկուսս էլ միաժամանակ վերցնենք գլխարկներս, եղա՞վ։
— Եղա՛վ։
Եվ Պինոքիոն սկսեց բարձր ձայնով համրել.
— Մե՛կ, երկո՛ւ երե՛ք։
Երեքի վրա երկուսն էլ գլխարկները նետեցին վերև։
Մի այնպիսի տեսարան բացվեց, որ անհավատալի կթվար, եթե իսկապես ճշմարիտ լիներ. Պինոքիոն ու Լուչինյոլոն տեսան, որ երկուսն էլ միևնույն դժբախտությամբ են տառապում և վշտանալու ու ամոթից մեռնելու փոխարեն, սկսեցին թափահարել իրենց անսահմանորեն աճած ականջները, հազար ու մի ծամածռություններ անել, մի կուշտ ծիծաղել։
Այնքա՜ն ծիծաղեցին, այնքա՜ն ծիծաղեցին, այնքա՜ն ծիծաղեցին, որ քիչ մնաց ուշքները գնար։ Սակայն ծիծաղի ամենաթունդ տեղը Լուչինյոլոն հանկարծ լրջացավ ու օրորվելով, ամբողջապես գունատված, գոռաց ընկերոջը.
— Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, Պինոքիո։
— Ի՞նչ պատահեց։
— Ամա՛ն, ես էլ չե՛մ կարողանում ոտքերիս վրա ուղիղ կանգնել։
— Ես է՛լ չեմ կարողանում,— լաց լինելով ու օրորվելով գոռաց Պինոքիոն։
Եվ այսպես խոսելու ժամանակ երկուսն էլ կռացան, ձեռքները դրին գետնին և, ձեռքերի ու ոտքերի վրա քայլելով, սկսեցին պտտվել ու վազվզել սենյակի մեջ։
Այդ վազվզելու ժամանակ նրանց ձեռքերը էշի ոտքեր դարձան, նրանց երեսները երկարեցին ու դարձան էշի դունչ և մեջքները ծածկվեցին բաց-մոխրագույն մազերով։
Բայց գիտե՞ք, թե ինչն էր այդ երկու դժբախտների համար ամենախայտառակ բանը։ Ամենախայտառակ և ծիծաղելի բանն այն էր, որ նրանք զգացին, թե ինչպես է իրենց ետևի կողմից պոչ դուրս գալիս։ Այդ ժամանակ միայն, արդեն հաղթված ամոթից ու վշտից, սկսեցին լաց լինել ու ողբալ իրենց բախտը։
Երանի թե ոչ լաց լինեին, ոչ էլ ողբային իրենց, որովհետև այդ ողբի և ախ ու վախի փոխարեն նրանց բերնից էշի զռոց էր դուրս գալիս։ Եվ բարձրաձայն զռալով՝ նրանք երկուսն էլ միասին ի-ա՜, ի-ա՜, ի-ա՜ էին անում։
Հենց այդ րոպեին դուռը ծեծեցին ու դրսից մի ձայն ասաց.
— Բացե՛ք, ես մարդուկն եմ, այն կառապանը, որը ձեզ այս երկիրը բերեց։ Բացեք իսկույն, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։
XXXIII. Պինոքիոն իսկական էշ է դառնում, տանում են վաճառելու։ Նրան գնում է մի կրկեսախմբի տնօրեն, որպեսզի սովորեցնի պարել և օղակների միջով թռչել։ Սակայն մի երեկո էշն սկսում է կաղալ և այդ պատճառով նորից վաճառվում է մի ուրիշի, որը գնում է նրան՝ կաշվից թմբուկ պատրաստելու նպատակով
Տեսնելով, որ դուռը չի բացվում, մարդուկը ոտքի մի կատաղի հարվածով բացեց այն կրնկի վրա և, ներս մտնելով, իր սովորական ժպիտտվ ասաց Պինոքիոյին ու Լուչինյոլոյին.
— Կեցցեք տղաներ, լավ էիք զռում, ես ձեր ձայնը իսկույն ճանաչեցի։ Հենց այդ պատճառով էլ ահա ես այստեղ եմ։
Այդ բառերի վրա երկու ավանակներն էլ սուսուփուս, տխուր մնացին տեղները կանգնած՝ գլուխները խոնարհած, ականջները կախած, պոչները խրած ոտքերի արանքը։
Սկզբից մարդուկը նրանց շոյեց, փաղաքշեց, շոշափեց, իսկ հետո, դուրս քաշելով քերոցը, սկսեց մի լավ թիմար տալ նրանց։
Երբ մեծ ջանասիրությամբ մաքրեց ու փայլեցրեց նրանց, ինչպես հայելի, անմիջապես երկուսին էլ սանձեց ու տարավ շուկա՝ վաճառելու և այդպիսով մի քիչ փող ձեռք բերելու հույսով։
Գնողներն էլ, իսկապես, երկար սպասել չտվին։
Լուչինյոլոյին գնեց մի գյուղացի, որի էշը մի օր առաջ էր սատկել, իսկ Պինոքիոն վաճառվեց մի կրկեսախմբի տնօրենի, որը նրան գնեց՝ վարժեցնելու և հետագայում մյուս կենդանիների հետ միասին թռցնելու և պարել տալու նպատակով։
Այժմ հասկացա՞ք, իմ փոքրիկ ընթերցողներ, թե ի՛նչ գործով էր զբաղվում այդ մարդուկը։ Այդ զզվելի հրեշը, որի դեմքը մեղրի նման քաղցր էր թվում, երբեմն-երբեմն իր սայլակառքով գնում էր աշխարհը շրջում, ճանապարհին հազար ու մի տեսակ խոստումներով, կեղծ ժպիտներով հավաքում ծույլ ու կամազուրկ երեխաներին, որոնք գրքերից ու դպրոցից ձանձրացել էին և, նստեցնելով նրանց իր կառքը, տանում էր Խաղալիքների Երկիրը, որպեսզի նրանք ամբողջ իրենց ժամանակն անցկացնեն խաղերի, աղմուկ-աղաղակի ու զվարճությունների մեջ։ Եվ հետո, երբ այդ խաբված խեղճ երեխաներն անվերջ խաղերով տարվելու և ոչ մի բան չսովորելու հետևանքով էշ էին դառնում, այն ժամանակ նա անսահման ուրախացած տեր էր դառնում նրանց գլխին, սանձում էր ու տանում շուկա վաճառելու։ Այդպիսով մի քանի տարվա ընթացքում նա այնքան փող դիզեց, որ դարձավ միլիոնատեր։
Թե ի՞նչ տեղի ունեցավ Լուչինյոլոյի հետ, այդ ես չգիտեմ։ Գիտեմ միայն, որ Պինոքիոն առաջին իսկ օրերից մի սոսկալի դժվարին ու տանջալի կյանք էր վարում։
Երբ արդեն մսուրի մոտ էր, նոր տերը նրա առաջը հարդ լցրեց, սակայն Պինոքիոն համը տեսնելն ու թքելը մեկ արեց։
Այն ժամանակ տերը մռթմռթալով նրա առաջ խոտ դրեց։ Բայց խոտը նույնպես դուր չեկավ նրան։
— Ահա թե ի՜նչ, քեզ խո՞տն էլ դուր չի գալիս,— կատաղած բղավեց տերը։— Այդ կարգի բաները թո՛ղ, սիրելի ավանակ, եթե գլխումդ համառություններ կան, ապա ես կաշխատեմ դուրս հանել դրանք․․․
Եվ հանուն դաստիարակության՝ նրա ոտքերին մտրակի մի ուժեղ հարված հասցրեց։
Սուր ցավից Պինոքիոն սկսեց լաց լինել ու զռալ և զռալով էլ ասաց.
— Ի-ա՜, ի-ա՜, ես չեմ կարող հարդը մարսել․․․
— Այդ դեպքում խոտը կեր,— պատասխանեց տերը, որը հրաշալի հասկանում էր էշային բարբառը։
— Ի-ա՜, ի-ա՜, խոտը իմ փորը ցավեցնում է․․․
— Դու ցանկանում ես, ուրեմն, որ ես քեզ նման մի էշի հավի բդով ու կապլունի շորվայո՞վ պահեմ,— ավելացրեց տերը, ավելի կատաղելով ու մտրակի մի երկրորդ հարված հասցնելով նրան։
Այս երկրորդ հարվածի վրա Պինոքիոն խելամտորեն անմիջպես լռեց ու ոչինչ չասաց։
Վերջապես տերը գոմը փակեց, թողնելով Պինոքիոյին մենակ։ Սակայն որովհետև արդեն երկար ժամանակ էր, ինչ Պինոքիոն ոչինչ չէր կերել, ուստի սկսեց քաղցից հորանջել։ Հորանջելիս բերանն այնքան լայն էր բացում, որ թվում էր, թե թոնիր է։
Վերջապես այլ բան չգտնելով մսուրում, ստիպված եղավ խոտից մի փոքր ծամել. մի լավ ծամել վերջացնելուց հետո աչքերը փակեց ու կուլ տվեց։
— Այս խոտը վատը չէ,— ասաց նա ինքն իրեն,— բայց որքան լավ կլիներ, եթե ես սովորելս շարունակեի․․․ Այժմ խոտի փոխարեն մի թարմ հացի կտոր ու մի կտոր էլ երշիկ կարող էի ուտել․․․ Համբերությո՜ւն․․․
Հաջորդ առավոտ, երբ արթնացավ, անմիջապես որոնեց, որ մսուրում դարձյալ մի քիչ խոտ գտնի, բայց չգտավ, որովհետև ողջ գիշերը կերել էր։ Այն ժամանակ մի բերան հարդ վերցրեց, սակայն երբ սկսեց ծամել, նկատեց, որ հարդի համը ուղղակի չի նմանվում ո՛չ Միլանի բրնձի փլավին և ո՛չ էլ Նեապոլի մակարոնին։
— Համբերությո՛ւն,— կրկնեց նա, շարունակելով ծամել։— Գոնե իմ դժբախտությունը դաս լիներ բոլոր չլսող երեխաների համար, որոնք սովորելու ցանկություն չունեն։ Համբերությո՛ւն․․․ Համբերությո՜ւն։
— Ո՛չ մի համբերություն,— բղավեց տերը, որը հենց այդ րոպեին ներս մտավ գոմ։— Գուցե դու կարծում ես, իմ սիրելի ավանակ, թե ես քեզ միայն ու միայն նրա համար եմ գնել, որ ուտեցնեմ ու խմեցնեմ։ Ես քեզ գնել եմ նրա համար, որ քո միջոցով գրպանս փող լցնեմ։ Ուրեմն, տեղիցդ հապա մի թռի՛ր տեսնեմ։ Եկ ինձ հետ կրկես, ես քեզ այնտեղ կսովորեցնեմ թռչել օղակների միջով, գլխով կարտոնե տակառներ ջարդել և, ետևի ոտքերի վրա կանգնած, վալս ու պոլկա պարել։
Խեղճ Պինոքիոն ուզած–չուզած ստիպված եղավ սովորել այդ հրաշալի բաները։ Բայց այդ բոլորը սովորելը նրա վրա երեք ամսվա դասեր նստեցին և մտրակի անթիվ հարվածներ, որոնցից մաշկը ցնցվում էր։
Վերջապես եկավ այն օրը, երբ տերը հայտարարեց մի բոլորովին արտակարգ ներկայացում։ Տարբեր գույնի ազդագրերը, որոնք փակցված էին փողոցների անկյուններում, ծանուցում էին.
ՏՈՆԱԿԱՆ
ՄԵԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Այսօր երեկոյան
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐ ԵՎ
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՄԱՐՆԵՐ
ԲՈԼՈՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ
և խմբի երկսեռ ձիերի կատարմամբ
բացի դրանից
ցուցադրվում է առաջին անգամ
հայտնի
ԱՎԱՆԱԿ ՊԻՆՈՔԻՈՆ
որը համարվում է
ՊԱՐԵՐԻ ԱՍՏՂԸ
Այդ երեկո, ինչպես և կարող եք պատկերացնել, ներկայացումն սկսվելուց մի ժամ առաջ թատրոնն արդեն լեփ-լեցուն էր։
Այլևս չէր կարելի գտնել ո՛չ բազկաթոռ, ո՛չ հատուկ նշանակված տեղերից մեկը, ոչ որևէ անկյուն օթյակում, եթե մարդ նույնիսկ ոսկի էլ վճարեր։
Կրկեսի ամֆիթատրոնը լեփ-լեցուն էր փոքրիկ երեխաներով և տարբեր հասակի տղաներով, որոնք անհամբերությամբ սպասում էին հայտնի ավանակ Պինոքիոյի պարելուն։
Ներկայացման առաջին մասը վերջանալուց հետո, կրկեսախմբի Տնօրենը, որի հագին սև պիջակ կար, սպիտակ մարմնից կպած վարտիք և մի զույգ էլ ծնկների վերևն հասնող երկարաճիտ կոշիկներ, ներկայացավ բազմամարդ հանդիսատեսներին և, գլուխը գետնին հասցնելու չափ խոնարհվելուց հետո, հանդիսավոր արտասանեց հետևյալ անհեթեթ ճառը.
«Հարգելի հանդիսատեսներ, ասպետներ և տիկիններ.
«Ես, խոնարհ ներքոհիշյալս, անցնելով այս փառահեղ մայրաքաղաքով, ցանկացա հանուն իմ պատվի, ինչպես և հաճելիության, ցույց տալ այս նրբաճաշակ և հայտնի լսարանին մի հանրահռչակ ավանակ, որն արդեն պատիվ է ունեցել պար գալու եվրոպական բոլոր գլխավոր պալատների միապետների ներկայությամբ։
«Եվ շնորհակալություն հայտնելով նրանց, օգնեցեք մեզ ձեր ոգևորող ներկայությամբ ու ներողամխտ եղեք մեր նկատմամբ»։
Այս ճառը դիմավորվեց ծիծաղի բազմաթիվ պոռթկումներով ու ծափահարություններով։ Սակայն ծափահարությունները կրկնապատկվեցին և փոխվեցին փոթորկի, երբ կրկեսի մեջտեղում հայտնվեց ավանակ Պինոքիոն։ Նրա զարդարանքն ամբողջապես տոնական էր։ Փայլող կաշվից նա ուներ մի սանձ, որի վրա պսպղում էին մետաղյա տարբեր զարդարանքներ։ Ականջներին խրած էր երկու սպիտակ կամելիաներ, բաշը բաժանված էր անթիվ փոքրիկ հյուսերի ու կապված կարմիր մետաքսյա ժապավեններով, մի հսկայական լայնության ոսկյա ու արծաթյա ժապավեն օղակում էր նրա մարմինը, իսկ պոչը ամբողջապես հյուսված էր երկնագույն մախմուրի ժապավեններով։ Մի խոսքով, այնպիսի մի էշ էր դարձել, որ կարելի էր սիրահարվել վրան։
Տնօրենը նրան հանդիսատեսներին ներկայացնելու ժամանակ ավելացրեց հետևյալ խոսքերը.
«Հարգելի՛ ունկնդիրներ, ես այստեղ չեմ թաքցնի այս մեծ դժվարությունները, որոնք կրել եմ այս կաթնասունին հասկանալու և հնազանդեցնելու համար, երբ նա տաք գոտու հարթավայրերում արածում էր, ազատ սարից սար անցնելով։ Նայեցեք, խնդրում եմ, թե որքան վայրենություն է թափվում սրա աչքերից, չնայած քաղաքակիրթ չորքոտանիների հետ ապրել սովորեցնելու համար ես հաճախ եմ ստիպված եղել դիմել մտրակի սիրալիր բարբառին։ Սակայն իմ ամեն մի սիրալիրությունը փոխանակ նրան ինձ ավելի հաճելի դարձնելու, ընդհակառակը, մեծամասնապես իմ հոգին է չարացրել։ Այնուամենայնիվ, հետևելով Գալլի սիստեմին, ես նրա գանգի վրա գտա ոսկորի մի մակաճ, որի ներկայությունը նույնիսկ ինքը՝ Փարիզի բժշկական ֆակուլտետը դիտում է որպես վերականգնիչ տարը, մազերի աճին և հրային պարերին նպաստող։ Եվ այդ պատճառով էլ ես ցանկացա սովորեցնել նրան ինչպես պարել, այնպես էլ օղակների միջով թռչել ու ստվարաթղթյա տակառների վրայով ցատկել։ Հրճվանքով դիտեցեք նրան, ապա դատեցեք։ Սակայն նախքան ձեզանից փեսացու ընտրելը, թույլ տվեք ինձ, օ՜ սինյորներ, հրավիրել ձեզ՝ վաղվա երեկոյի ցերեկային ներկայացմանը։ Բայց ապոթեոզի դեպքում, որ անձրևային եղանակը կարող է սպառնալ ջրով, ներկայացումը վաղը երեկոյան կհետաձենք վաղվա առավոտի հետճաշյան ժամի մինչճաշյան տասնմեկի համար»։
Եվ այստեղ Տնօրենը մի անգամ ևս խոնարհվեց ու դիմելով Պինոքիոյին ասաց.
— Համարձակ, Պինոքիո․․․ Առաջ անցեք ձեր համարներն սկսվելու համար, ողջունեք այս հարգելի հանդիսատեսներին, ասպետներին, տիկնանց, աղջիկներին ու տղաներին։
Պինոքիոն իսկույն խոնարհ կերպով ծալեց առջևի ոտքերը մինչև գետին և ծնկաչոք մնաց այնքան ժամանակ, մինչև որ Տնօրենը, շրխկացնելով մտրակը, կարգադրեց.
— Քայլով առա՜ջ։
Էշը կանգնեց տեղում, սկսեց պտույտ գործել կրկեսի արենայի շուրջը։
Մի փոքր հետո Տնօրենը բղավեց.
— Վարգով առա՜ջ։— Եվ Պինոքիոն, ենթարկվելով հրամանին, քայլքը փոխեց վարգի։
— Քառատրոփ արշավով առա՜ջ։— Եվ Պինոքիոն սկսեց քատատրոփ արշավը։
— Սրարշավ առա՜ջ։— Եվ Պինոքիոն սկսեց սրարշավ վազել։ Բայց այն պահին, երբ նա սլանում էր, Տնօրենը, վեր բարձրացնելով ձեռքը, ատրճանակը կրակեց։
Կրակոցի վրա էշը վիրավորված ձևանալով, փռվեց գետնին, կարծես թե իսկապես մահացել էր։
Բուռն ծափահարությունների, ճիչերի և պոռթկացող աղաղակների տակ կանգնելով տեղում, նա բնական բարձրացրեց գլուխն ու նայեց դեպի վեր․․․ Այդ ժամանակ նա օթյակներից մեկում տեսավ մի գեղեցիկ սինյորայի, որի պարանոցին ոսկյա մի շատ շքեղ մանյակ կար, մանյակից կախված մի մեդալյոն, իսկ մեդալյոնի մեջ էլ՝ մի բուրատինոյի նկար։
— Այդ իմ նկարն է․․․ Այդ սինյորան էլ Ֆեյան է,— ասաց ինքն իրեն Պինոքիոն, անմիջապես ճանաչելով նրան և, ուրախությունից չկարողանալով զսպել իրեն, փորձեց ձայն տալ.
— Ա՛խ, սիրելի Ֆեյա, ա՛խ, սիրելի Ֆեյա։
Սակայն այդ բառերի փոխարեն նրա կոկորդից մի այնպիսի բարձրաձայն ու երկար զռոց դուրս եկավ, որ թատրոնում գտնվող բոլոր հանդիսատեսներն ու հատկապես երեխաները մի անգամից սկսեցին ծիծաղել։
Տնօրենը սովորեցնելու և հասկացնելու համար, որ հասարակության երեսին կանգնել զռալը անքաղաքավարության նշան է, նրա քթին մտրակի կոթով մի հարված հասցրեց։
Խեղճ էշը, լեզուն մի թիզ դուրս հանելով, սկսեց ամենաքիչը մի հինգ րոպե քիթը լիզել, կարծելով, որ այդպիսով կարող է մեղմացնել զգացվող ցավը։
Հապա ինչքա՜ն հուսահատվեց, երբ, երկրորդ անգամ գլուխը վեր բարձրացնելով, տեսավ, որ օթյակը դատարկ է, և Ֆեյան չքացել է․․․
Աշխարհը նրա գլխին պտույտ եկավ, աչքերն արցունքով լցվեցին և սկսեց դառնորեն լաց լինել։ Սակայն ոչ ոք այդ չնկատեց. չնկատեց նույնիսկ ինքը՝ Տնօրենը, որը մտրակը շրխկացնելով բղավեց.
— Համարձա՛կ եղեք, Պինոքիո՛։ Այժմ այս սինյորներին ցույց կտաք, թե ինչպիսի հիասքանչությամբ եք թռչում օղակների միջով։
Պինոքիոն երկու թե երեք անգամ փորձեց, բայց ամեն անգամ էլ հենց որ օղակին էր հասնում, միջով թռչելու փոխարեն անցնում էր տակից, որն ավելի հարմար էր իր համար։ Վերջում մի անգամ ցատկեց ու անցավ օղակի միջով, բայց դժբախտաբար ետևի ոտքերը կպան օղակին և այդ պատճառով էլ թրմփալով փռվեց գետնին։
Երբ տեղից վեր կացավ, արդեն այնպես էր կաղին տալիս, որ հազիվհազ կարողացավ իրեն գոմը գցել։
— Պինոքիոյին դո՜րս բերեք։ Էշի՜ն ենք ուզում։ Էշին դո՜ւրս բերեք,— այդ տխուր դեպքից խղճահարված և լի կարեկցությամբ գոռում էին երեխաները։
Բայց այդ երեկո էշն այլևս չհայտնվեց։
Հաջորդ առավոտյան անասնաբույժը կամ կենդանիների բժիշկն այցելեց էշին և հայտնեց, որ նա իր ողջ կյանքում կաղ կմնա։ Այն ժամանակ Տնօրենը ախոռապանին ասաց.
— Էլ ի՞նչ օգուտ կարող է տալ ինձ մի կաղ ավանակ։ Իզուր տեղը հաց պիտի ուտի։ Տա՛ր, ուրեմն, շուկա և նորից վաճառիր։
Երբ շուկա հասան, անմիջապես մի գնորդ գտան, որն ախոռապանին հարցրեց.
— Ինչքա՞ն ես ուզում այս կաղ էշի համար։
— Քսան լիր։
— Ես քեզ քսան սոլդո կտամ։ Չկարծես, թե սրան գնում եմ բանեցնելու համար, ես միայն կաշվի համար եմ գնում։ Տեսնում եմ, որ շատ ամուր մաշկ ունի, որից ուզում եմ մեր գյուղի փողային նվագախմբի համար մի լավ թմբուկ պատրաստել։
Ձեզ եմ թողնում պատկերացնել, երեխաներ, թե ինչպիսի հաճույք զգաց խեղճ Պինոքիոն, երբ լսեց, որ իրեն վիճակված է թմբուկ դառնալ։
Հենց որ գնորդը քսան սոլդո վճարեց էշին, քշեց նրան ու տարավ ծովափի մի ժայռի վրա, պարանոցից մի քար կախեց, առջևի ոտքից մի պարան կապեց, որի մյուս ծայրը բռնեց իր ձեռքին, հանկարծակի բոթեց նրան ու գցեց ջուրը։
Պարանոցին քար կապած Պինոքիոն անմիջապես իջավ ջրի տակ, իսկ գնողը, պարանի ծայրն ամուր բռնած ձեռքին, նստեց ժայռի վրա, սպասելով մինչև որ էշը սատկի, որպեսզի քերթի նրա կաշին։
XXXIV. Երբ Պինոքիոյին ծով են նետում, ձկները նրան ուտում են, որից հետո նա կրկին բուրատինո է դառնում։ Բայց լող տալու ժամանակ ահեղ Շնաձուկը նրան կուլ է տալիս
Արդեն հիսուն րոպե էշը ջրի տակ էր, երբ գնողն ինքն իրեն խոսելով ասաց.
— Հիմա իմ խեղճ կաղ էշն արդեն ինչպես հարկն է խեղդված կլինի։ Դուրս քաշենք, ուրեմն, և կաշվից պատրաստենք մեր գեղեցիկ թմբուկը։
Եվ սկսեց քաշել պարանը, որի մի ծայրը կապել էր էշի ոտքին։ Քաշե՜ց, քաշե՜ց, քաշե՜ց և վերջապես դո՛ւրս հանեց․․․ ապա կռահեք, թե ի՞նչ։ Սատկած էշի փոխարեն մի կենդանի բուրատինո, որը օձաձկան նման գալար-գալար էր գալիս։
Փայտե բուրատինոյին տեսնելով, խեղճ մարդուն թվաց, թե երազում է և բերանը բաց ու չռված աչքերով մնաց ապուշ կտրած։ Մի քիչ սթափվելով, նա ասաց.
— Իսկ ո՞ւր է իմ էշը, որին ես ծովը նետեցի․․․
— Այն էշը ես եմ,— ծիծաղելով պատասխանեց բուրատինոն։
— Դո՞ւ։
— Ե՛ս։
— Ախ, սրիկայի մեկը, չլինի՞ թե դու ուզում ես ինձ ձեռ առնել։
— Ձեզ ձեռ առնե՞լ. ընդհակառակը, հարգելի սինյոր, ես բոլորովին լուրջ եմ խոսում։
— Հապա ինչպե՞ս էր, որ մի քիչ առաջ դու էշ էիր, իսկ այժմ ջրի մեջ դարձար փայտե բուրատինո․․․
— Ծովի ջրի ազդեցությամբ պատահում է։ Ծովը սիրում է այդ կարգի կատակներ անել։
— Լավ իմացիր, բուրատինո, դու մի կարծիր, թե ես քո մասխարան եմ։ Վա՜յ քեզ, եթե ինձ համբերությունից հանեցիր։
— Լավ, սինյոր, ուզո՞ւմ եք իսկական պատմությունն իմանալ, արձակեք իմ այս ոտքը, ես ձեզ կպատմեմ։
Միամիտ ու շվարված մարդը մեծ հետաքրքրությամբ ցանկանալով իմանալ իսկական պատմությունը, իսկույն արձակեց պարանի կապը, և Պինոքիոն, ազատության մեջ գտնվող թռչունի նման, սկսեց պատմել այսպես.
— Իմացեք, ուրեմն, որ ես փայտե մի բուրատինո էի, ինչպես այսօր եմ։ Բայց արդեն այնտեղ էի հասել, որ էն է հա՛, իսկական տղա պիտի դառնայի, ինչպես որ շատ-շատերն են, երբ սովորելու հանդեպ սեր չունենալու և վատ ընկերներին լսելու պատճառով տանից փախա․․․ և մի գեղեցիկ օր, երբ արթնացա, տեսա, որ երկա՜ր-երկար ականջներով ու պոչով էշ եմ դառել․․․ ի՜նչ ամոթ էր այդ ինձ համար․․․ Այնպիսի մի ամոթ, սիրելի սինյոր, որ օրհնված սուրբ Անտոնիոն այդքան թող չամաչեցնի նույնիսկ ձեզ։ Ինձ տարան ավանակների շուկան վաճառելու։ Այնտեղ ինձ գնեց մի ձի վարժեցնող կրկեսախմբի Տնօրեն, որը որոշեց ինձ հայտնի պարող և օղակների միջով թռչող դարձնել։ Սակայն մի երեկո, ներկայացման ժամանակ թռչելիս այնպե՜ս շրմփալով վայր ընկա, որ երկու ոտքիցս էլ կաղ մնացի։ Այն ժամանակ Տնօրենը, չիմանալով ինչ անել մի կաղ էշի, ինձ ուղարկեց նորից վաճառելու, որտեղ էլ հենց դուք ինձ գնեցիք։
— Դժբախտաբար։ Եվ քեզ համար էլ քսան սոլդո վճարեցի։ Իսկ այժմ ո՞վ է ինձ վերադարձնելու իմ խեղճ քսան սոլդոն։
— Ինչո՞ւ էիք գնում ինձ։ Դուք ինձ գնեցիք, որ իմ կաշվից թմբուկ պատրաստեիք․․․ թմբո՜ւկ․․․
— Դժբախտաբար։ Իսկ հիմա որտեղի՞ց կարող եմ մի այլ կաշի գտնել․․․
— Մի՛ հուսահատվեք, սինյոր։ Այս աշխարհում այնքա՜ն ավանակներ կան․․․
— Ասա ինձ, հանդուգն սրիկա, քո պատմությունը հենց այստեղ էլ վերջանո՞ւմ է։
— Ո՛չ,— պատասխանեց բուրատինոն,— դեռ մի երկու խոսք էլ կա, որից հետո վերջանում է։ Ինձ գնելուց հետո, դուք ինձ բերիք այստեղ՝ սպանելու նպատակով։ Հանուն մարդասիրության և գթասիրտ զգացմունքների գերադասեցիք պարանոցիցս քար կախել և նետել ծովի հատակը։ Այդ ազնիվ զգացմունքը ձեզ մեծ պատիվ է բերում, որի համար ես ձեզանից հավիտյան շնորհակալ եմ։ Սակայն, սիրելի սինյոր, այս անգամ ձեր հաշիվներն արիք առանց Ֆեյայի․․․
— Իսկ ո՞վ է այդ Ֆեյան։
— Իմ մայրիկն է, որը նման է այն բոլոր բարի մայրերին, որոնք հաջողություն են ցանկանում իրենց տղաներին և երբեք աչքաթող չեն անում նրանց, միշտ օգնելով ամեն մի տեսակ դժբախտության ժամանակ, եթե նույնիսկ այդ տղաները իրենց թեթևամտության և վատ վարքի պատճառով արժանի են լքվելու և թողնվելու իրենց քմահաճույքին։ Այն էի ասում, ուրեմն, որ բարի Ֆեյան հենց որ տեսավ ինձ խեղդվելու վտանգի մեջ, իսկույն ուղարկեց մի խումբ ձկների, որոնք կարծելով, թե ես իսկապես սատկած էշ եմ, սկսեցին ուտել ինձ։ Ինչպե՜ս էին կտոր-կտոր պոկում։ Երբեք չէի հավատա, որ ձկներն ավելի բկլիկ լինեին, քան երեխաները։ Նրանցից ոմանք ականջներս էին ուտում, ոմանք դունչս, ոմանք՝ վիզս ու բաշս, ոմանք՝ առջևի ոտքերիս մաշկը, մեջքիս մազերը․․․ մի շատ բարեկիրթ ձկնիկ էլ արժանի համարեց նույնիսկ պոչս ուտել։
— Այսօրվանից,— սարսափած ասաց գնողը,— երդում եմ տալիս՝ այլևս ձկան համ չտեսնել։ Ես անչափ կզզվեի, եթե մի տապակած արքայաձկան կամ փրփրաձկան փորում էշի պոչ գտնեի։
— Ես էլ եմ ձեր կարծիքին,— ծիծաղելով պատասխանեց բուրատինոն։— Վերջապես կարևոր է իմանալ և այն, որ երբ ձկներն ինձ ծածկող ամբողջ ավանակային կեղևը կերան վերջացրին, բնականաբար անցան ոսկորներիս․․․ կամ ավելի ճիշտն ասած անցան փայտին, որովհետև, ինչպես տեսնում եք, ես պատրաստված եմ շատ ամուր փայտից։ Բայց մի քանի անգամ կծելուց հետո այդ բկլիկ ձկներն անմիջապես գլխի ընկան, որ փայտն իրենց ատամների համար հարմար միս չէ և, այդ անմարսելի կերակուրից սրտախառնություն զգալով, ոմանք այս կողմ գնացին, ոմանք էլ՝ այն, և նույնիսկ չշրջվեցին էլ, որ գոնե շնորհակալություն հայտնեին․․․ Ահա, այս ամենից հետո վեր քաշելով պարանը, դուք սատկած էշի փոխարեն գտաք մի կենդանի բուրատինո։
— Թքել եմ քո պատմության վրա,— կատաղած բղավեց գնորդը։— Ես այն գիտեմ, որ քեզ գնելու համար քսան սոլդո եմ ծախսել և ուզում եմ, որ իմ փողն էլի իմ ձեռքը գա։ Գիտե՞ս ինչ կանեմ, քեզ նորից կտանեմ շուկա և որպես բուխարու չոր փայտ՝ կշռով կծախեմ։
— Ծախեք խնդրեմ, ես գոհ եմ,— ասաց Պինոքիոն։ Բայց այդ ասելիս մի գեղեցիկ թռիչք գործեց ու ընկավ ջուրը և ուրախ լողալով ու հեռանալով ափից, գոռաց խեղճ գնորդին.
— Մնաք բարո՜վ, սինյոր, եթե թմբուկ պատրաստելու համար կաշվի կարիք ունենաք՝ հիշեք ինձ։
Հետո էլ ծիծաղում էր ու շարունակում լող տալ։ Մի քիչ հետո, ետ շրջվելով, գոռաց ավելի ուժեղ.
— Մնաք բարո՜վ, սինյոր. եթե բուխարին վառելու համար մի քիչ չոր ցախի կարիք ունենաք, հիշեք ինձ։
Բանն այն է, որ մի ակնթարթում նա այնքան էր հեռացել, որ այլևս գրեթե չէր երևում. ծովի մակերեսին միայն մի սև բիծ էր երևում, որը մերթ ընդ մերթ ջրից դուրս էր ցցում ոտքերը, գլուխկոնձի տալիս ու թռչկոտում՝ լավ տրամադրության մեջ գտնվող դելֆինի նման։
Այդպես հաջողությամբ լող տալիս Պինոքիոն ծովի մեջտեղը մի ժայռ տեսավ, որը կարծես թե սպիտակ մարմարից լիներ. իսկ այդ ժայռի գլխին մի ուլիկ կար, որը սիրալիր մկկում էր ու մոտենալու նշան անում նրան։
Ամենազարմանալին այն էր, որ այդ ուլիկի մազերի գույնը ո՛չ սպիտակ էր, ո՛չ սև և ո՛չ էլ երկու գույների խառնուրդ, ինչպես լինում են մյուս այծիկները, այլ կապույտ էր, բայց այնպիսի մի փայլ ունեցող կապույտ, որ անչափ հիշեցնում էր այն փոքրիկ, գեղեցիկ աղջկա մազերը։
Ձեզ եմ թողնում պատկերացնել, թե Պինոքիոյի սիրտն ինչպիսի ուժգնությամբ սկսեց բաբախել։ Կրկնապատկելով ուժերը, նա սկսեց լող տալ դեպի սպիտակ ժայռը։ Եվ արդեն կես ճանապարհին էր, երբ հանկարծ ջրի տակից ծովային հրեշի մի սարսափելի գլուխ դուրս եկավ և սլացավ դեպի նա։ Հրեշի բաց երախում, որը կարծես անդունդ լիներ, երեք շարք այնպիսի ատամներ կային, որոնց անգամ նկարած տեսնելիս, մարդ սարսափահար կարող էր լինել։
Գիտե՞ք ով էր այդ ծովային հրեշը։
Այդ ծովային հրեշը ոչ ավել, ոչ պակաս՝ այն ահռելի Շնաձուկն էր, որի մասին բազմաթիվ անգամ հիշել ենք այս պատմության մեջ և որը իր պատճառած արյունահեղությունների և անհագ, ագահության պատճառով կոչվում էր «ձկների և ձկնորսների Աթիլլա»։
Պատկերացրեք խեղճ Պինոքիոյի սարսափը հրեշին տեսնելիս։ Նա աշխատեց խուսափել, փոխել ճանապարհը, փորձեց փախչել, սակայն ահռելի երախը գնդակի արագությամբ անընդհատ դեպի նա էր սլանում։
— Շտապի՛ր, Պինոքիո, ի սեր Աստծո,— մկկալով ձայն էր տալիս գեղեցիկ ուլիկը։
Եվ Պինոքիոն հուսակտուր լող էր տալիս, գործի դնելով ձեռքերը, ոտքերը, կուրծքը։
— Վազի՛ր, Պինոքիո, հրեշը մոտենում է․․․
Եվ Պինոքիոն, հավաքելով իր ողջ ուժերը, լողում էր, կրկնապատկելով շնչառությունը։
— Զգո՛ւյշ, Պինոքիո․․․ հրեշը հասնում է քեզ․․․ ահա՛ և նա․․․ ահա՛ և նա․․․ Շտապի՛ր, ի սեր Աստծո, եթե չէ՝ կորած ես․․․
Եվ Պինոքիոն չտեսնված արագությամբ լողալով սլանում էր, սլանում, սլանում, կարծես թե հրացանի գնդակ լիներ։ Արդեն ժայռին էր հասել, և ուլիկն էլ, ամբողջապես կախվելով ծովի վրա, մեկնել էր նրան իր առջևի ոտքը՝ օգնելու և նրան ջրից դուրս հանելու համար․․․
Բայց արդեն ուշ էր։ Հրեշը հասել էր. հրեշը շունչը ներս քաշելով այնպե՜ս կլանեց խեղճ բուրատինոյին, կարծես թե սա հավի ձու լիներ։ Կլանելուց հետո էլ այնպիսի մի դաժանությամբ ու ագահությամբ կուլ տվեց, որ Պինոքիոն նրա փորն ընկնելիս ուժգնորեն զարկվեց հատակին և քառորդ ժամ ուշքը գլուխը չէր գալիս։
Երբ սթափվեց, չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ աշխարհ էր ընկել։ Շուրջն ամենուրեք սոսկալի մութ էր, մի այնպիսի սև մութ, որ թվում էր, թե գլխիվայր մտել է մի թանաքով լի թանաքամանի մեջ։ Սկսեց ականջ դնել, բայց ոչինչ չլսեց, բացի քամու ուժեղ հոսանքից, որը մերթ ընդ մերթ խփում էր նրա երեսին։ Սկզբում չէր կարողանում հասկանալ, թե որտեղից է գալիս քամու այդ հոսանքը, բայց հետո գլխի ընկավ, որ այդ հրեշի թոքերից է։ Որովհետև, անհրաժեշտ է իմանալ, որ Շնաձուկը խիստ տառապում էր ասթմայով, և երբ շնչում էր, թվում էր թե հյուսիսային քամին էր փչում։
Պինոքիոն սկզբում աշխատեց իրեն համարձակ պահել, սակայն երբ վերջնականպես համոզվեց, որ փակված է ծովային հրեշի փորում, սկսեց լաց լինել ու ճղղալ և լաց լինելով էլ ասել.
— Օգնությո՜ւն, օգնությո՜ւն․․․ Ախ, վա՜յ ինձ, մի՞թե ոչ ոք չկա, որ գա ինձ փրկելու։
— Ո՞ւմ ես ուզում, որ քեզ փրկի, դժբա՛խտ,— լսվեց մթության մեջ ջարդված, լարից ընկած կիթառի ձայնի նման մի ձայն։
— Այդ ո՞վ է այդպես խոսում,— հարցրեց Պինոքիոն, զգալով, որ սարսափից սառում է։
— Ե՛ս եմ, մի խեղճ Թյուննոս. ինձ էլ Շնաձուկը քեզ հետ միասին կուլ տվեց։ Իսկ դու ի՞նչ ձուկ ես։
— Ես ձկների հետ ընդհանուր ոչինչ չունեմ։ Ես բուրատինո եմ։
— Իսկ եթե ձուկ չես, ապա ինչպե՞ս ես թույլ տվել, որ հրեշը քեզ կուլ տա։
— Ե՛ս չեմ թույլ տվել, բանն էլ հենց այն է, որ ինքն է կուլ տվել։ Հիմա ի՞նչ ենք անելու այս մթում․․․
Հնազանդվելու ենք և սպասելու, մինչև որ Շնաձուկը երկուսիս էլ մարսի․․․
— Բայց ես չե՛մ ուզում մարսվել,— բղավեց Պինոքիոն, սկսելով նորից լաց լինել։
— Ես էլ չէի ուզի մարսվել,— ավելացվեց Թյուննոսը,— բայց բավականին փիլիսոփա եմ և ինձ մխիթարում եմ, մտածելով, որ երբ Թյուննոս ես ծնվում, ավելի պատվաբեր է ջրի տակ մեռնել, քան թե յուղի մեջ․․․
— Համբերությո՜ւն,— բղավեց Պինոքիոն։
— Այդ իմ կարծիքն է,— պատասխանեց Թյուննոսը,— իսկ կարծիքները, ինչպես ասում են քաղաքագետ Թյուննոսները, հարգվում են։
— Մի խոսքով․․․ ես ուզում եմ այստեղից գնալ․․․ ուզում եմ փախչել․․․
— Փախիր, եթե քեզ այդ կհաջողվի․․․
— Շա՞տ է մեծ այս Շնաձուկը, որը մեզ կուլ է տվել,— հարցրեց բուրատինոն։
— Պատկերացրու, որ նրա մարմինը մի կիլոմետր երկարություն ունի՝ չհաշված պոչը։
Այն ժամանակ, երբ նրանք մթում այսպես զրուցում էին, Պինոքիոյին թվաց, որ հեռո՜ւ, հեռու ինչ-որ լույսի պես մի բան է երևում։
— Ի՞նչ կարող է լինել այդքան հեռվում երևացող այդ թույլ լույսը,— ասաց Պինոքիոն։
— Երևի մեր դժբախտության ընկերներից մեկն է, որը մեզ նման ինքն էլ է սպասում մարսվելուն․․․
— Ուզում եմ գնալ նրան տեսնել։ Չի կարող պատահել, որ դա մի այնպիսի ծեր ձուկ լինի, որ կարողանա ինձ փախչելու ճանապարհ ցույց տալ։
— Սրտանց հաջողություն եմ ցանկանում, սիրելի բուրատինո։
— Մնաս բարով, Թյուննոս։
— Գնաս բարով, բուրատինո, հաջողություն քեզ։
— Որտե՞ղ նորից իրար կտեսնենք։
— Ո՞վ գիտի․․․ Ավելի լավ է այդ մասին նույնիսկ չմտածել։
XXXV. Պինոքիոն Շնաձկան փորում նորից գտնում է․․․ ո՞ւմ է գտնում նորից։ Կարդացեք այս գլուխը՝ կիմանաք
Հենց որ Պինոքիոն մնաս բարով ասաց իր բարի ընկներ Թյուննոսին, սկսեց խարխափելով շարժվել Շնաձկան փորի, մթության մեջ և, շոշափելով ու մի քայլ ետ գնալով, մի քայլ առաջ, ուղևորվեց դեպի այն փոքրիկ լույսը, որը հեռո՜ւ, հեռու թույլ թարթում էր։
Քայլելիս նա զգաց, որ ոտքերը շլմփում են ինչ-որ յուղոտ ու սոթլիկ կեղտոտ ջրափոսում, ջրից էլ տապակած ձկան սուր հոտ է գալիս։
Որքան առաջ էր գնում, այնքան ավելի լույսը պարզ ու տեսանելի էր դառնում, մինչև որ, վերջապես, հասավ։ Իսկ երբ հասավ, ի՞նչ տեսավ։ Գրազ կգամ, որ չեք գտնի. տեսավ սփռոցով ծածկված մի փոքրիկ սեղան, որի վրա կանաչ բյուրեղապակյա շշի մեջ մի մոմ էր վառվում, կողքին էլ նստած էր ամբողջապես ալեհեր մի ծերուկ, որը կարծես ձյունից կամ թե հարած սերուցքից լիներ։ Այդ ծերուկը մի քանի կենդանի ձկնիկներ էր ծամլմորում և այն էլ այնպիսի կենդանի ձկնիկների, որ ուտվելիս բերանից փախչում էին։
Այդ տեսնելուն պես խեղճ Պինոքիոն այնպես ուրախացավ, որ քիչ էր մնացել խելքը թռցնի։ Ուզում էր ծիծաղել, լաց լինել, հազար ու մի տեսակ բաներ ասել, մինչդեռ դրա փոխարեն շփոթված մռմռում էր ու ինչ-որ կցկտուր և անմիտ բառեր բլբլում։ Վերջապես նրան հաջողվեց ուրախության մի ճիչ արձակել, ապա ձեռքերը տարածեց, նետվեց ծերունու գիրկը և սկսեց աղաղակել։
— Ախ, հայրիկ, վերջապես ձեզ կրկին գտա։ Սրանից հետո այլևս ձեզ բաց չեմ թողնի, բաց չեմ թողնի, բաց չեմ թողնի․․․
— Ուրեմն աչքերս ինձ չե՞ն խաբում,— ասաց ծերուկը, տրորելով աչքերը։— Ուրեմն դու իսկապե՞ս իմ սիրելի Պինոքիոն ես։
— Այո՛, այո՛, ես եմ, ուղղակի ես։ Եվ դուք ինձ արդեն ներել եք, ճի՞շտ է։ Ախ, հայրիկ ջան, ինչքան բարի եք․․․ Իսկ ես ընդհակառակը․․․ Ախ, եթե իմանայիք, թե որքան դժբախտություններ են թափել գլխիս, որքան ձախորդություններ եմ տեսել։ Պատկերացրեք, որ այն օրը, երբ դուք, խեղճ հայրիկ, վաճառելով ձեր պիջակը, Այբբենարան գնեցիք ինձ՝ դպրոց գնալու համար, ես փախա գնացի տիկնիկներին տեսնելու, իսկ տիկնիկների թատրոնատերն ինձ ուզում էր կրակը գցել, որպեսզի իր համար ոչխար խորովի, հենց նա էլ հետո ինձ հինգ ոսկեդրամ տվեց, որպեսզի բերեի ձեզ։ Բայց ես հանդիպեցի Աղվեսին ու Կատվին, նրանք ինձ տարան «Կարմիր Խեցգետին» պանդոկը, որտեղ իրենք գայլի պես լափեցին։ Այնտեղից էլ գիշերը մենակ գնալիս հանդիպեցի ավազակների, որոնք սկսեցին ետևիցս վազել։ Ես վազեցի, նրանք իմ հետևից, ես վազեցի, նրանք իմ ետևից, ես վազեցի՝ մինչև որ ինձ կախեցին մեծ Կաղնու ճյուղից, որտեղից էլ այն փոքրիկ, կապույտ մազերով աղջիկը մարդ ուղարկեց՝ ինձ կառքով տանեն, ու երբ բժիշկներն եկան ինձ տեսնելու՝ անմիջապես ասացին.— «Եթե մեռած չէ, ապա այդ կենդանի լինելու նշան է»,— և այդ ժամանակ ես փախա ու մի հատ էլ սուտ ասացի, որի պատճառով իմ քիթը սկսեց այնպես երկարել, որ սենյակի դռնից այլևս չէր անցնում, այդ պատճառով էլ ես Աղվեսի և Կատվի հետ գնացի այն չորս ոսկեդրամը հողի տակ թաղելու, որովհետև մեկը ծախսել էի պանդոկում, և թութակն էլ սկսեց ծիծաղել, իսկ երկու հազար ոսկեդրամի փոխարեն ոչինչ չգտա, և երբ դատավորը իմացավ, որ ինձ թալանել են, անմիջապես ինձ բանտ գցեց, որպեսզի ավազակներին բավարարություն տա։ Այնտեղից էլ դուրս գալու ժամանակ այգում մի լավ ճութ խաղող տեսա, որտեղ թակարդն ընկա, իսկ գյուղացին էլ սրբազան իրավունքով շան կապը գցեց իմ վզին, որպեսզի ես հավաբնի առաջ պահակ լինեմ, հետո տեսավ, որ ես անմեղ եմ, բաց թողեց, հետո էլ Օձը, որի պոչից ծուխ էր բարձրանում, սկսեց ծիծաղել և ծիծաղելիս սրտի երակներից մեկը կտրվեց, և այդպիսով ես վերադարձա փոքրիկ, գեղեցիկ աղջկա տունը։ Նա մահացել էր։ Աղավնին էլ տեսնելով, որ ես լաց եմ լինում, ասաց. «Ես տեսա, որ քո հայրը մի նավակ էր շինում, որ գար քեզ որոնելու»,— և ես էլ նրան ասացի. «Ա՜խ, եթե ես էլ թևեր ունենայի», և նա ինձ ասաց. «Ուզո՞ւմ ես հորդ մոտ գնալ»,— և ես էլ ասացի նրան. «Իհարկե, ուզում եմ, բայց ինձ ո՞վ կտանի նրա մոտ». և նա էլ ասաց. «Ես կտանեմ». և ես էլ ասացի. «Ո՞նց»,— և նա էլ ասաց. «Բարձրացիր իմ մեջքին»,— և այդպես ամբողջ գիշերը թռանք։ Հետո առավոտյան բոլոր ձկնորսները, որոնք ծովի կողմն էին նայում, ինձ ասացին. «Այնտեղ նավակի մեջ մի խեղճ մարդ կա, որ հիմա կխեղդվի»,— և ես էլ հեռվից անմիջապես ձեզ ճանաչեցի, որովհետև սիրտս վկայում էր. և ես ձեզ նշան արի, որ ափ գաք․․․
— Ես էլ քեզ ճանաչեցի,— ասաց Ջեպետտոն,— և մեծ ուրախությամբ ափ կգայի, բայց ի՞նչ արած։ Ծովը մեծ էր, մի կատաղի ալիք կործանեց իմ նավակը։ Այն ժամանակ մի ահեղ Շնաձուկ, որը լողում էր մոտերքում, հենց որ ինձ տեսավ, իսկույն դարձավ իմ կողմը և, լեզուն հանելով, ինձ լեզվի վրա առավ ու Բոլոնիայի կարկանդակի պես կուլ տվեց։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ այստեղ փակված եք,— հարցրեց Պինոքիոն։
— Արդեն երկու տարի է. երկու տարի, Պինոքիո, որ ինձ երկու դար է թվում։
— Հապա ինչո՞վ եք կերակրվել։ Որտեղի՞ց եք այդ մոմը գտել։ Ո՞վ է ձեզ լուցկի տվել՝ այդ մոմը վառելու համար։
— Հիմա ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Ուրեմն, դու պետք է իմանաս, որ այն փոթորիկը, որը կործանեց իմ նավակը, խորտակեց նաև մի առևտրական նավ։ Նավորդները բոլորն էլ փրկվեցին, բայց նավը խորասուզվեց ջրի տակ։ Շնաձուկը, որ այն օրը հիանալի ախորժակ ուներ, ինձ կուլ տալուց հետո կուլ տվեց նաև այդ նավը․․․
— Ինչպե՞ս, ամբողջ նավը մի բերա՞ն արեց,— զարմացած հարցրեց Պինոքիոն։
— Ամբողջը՝ մի բերան. դուրս շպրտեց միայն միջնակայմը, որովհետև ձկան փշի պես մնացել էր ատամի արանքին։ Իմ բախտից այդ նավի վրա բարձած էր մետաղյա տուփերով պահածո միս, պաքսիմատ, շշերով գինի, չամիչ, պանիր, սուրճ, շաքար, բնաճարպե մոմ և ծծմբե լուցկու տուփեր։ Այս բոլոր բարիքների շնորհիվ կարողացա երկու տարի կերակրվել։ Բայց այսօր ամեն ինչ արդեն վերջացել է. պահեստում այլևս ոչինչ չկա, և այս վառած մոմը, որ տեսնում ես, վերջին մոմն է՝ ինչ մնացել է․․․
— Իսկ դրանից հետո՞․․․
— Դրանից հետո, սիրելիս, երկուսս էլ կմնանք մթնում։
— Այդ դեպքում, սիրելի հայրիկ,— ասաց Պինոքիոն,— էլ ժամանակ կորցնելու կարիք չկա։ Պետք է մտածել իսկույն փախչելու մասին․․․
— Փախչելո՞ւ․․․ բայց ինչպե՞ս։
— Շնաձկան երախից դուրս վազել ու թռչել ծովը։
— Դու լավ ես ասում, բայց ես, սիրելի Պինոքիո, լող տալ չգիտեմ։
— Ի՞նչ կարևոր է․․․ Դուք կբարձրանաք և կնստեք իմ ուսերին, իսկ ես, որ լավ լողորդ եմ, ձեզ ողջ և առողջ ափ կհանեմ։
— Դրանք երազանքներ են, տղաս,— պատասխանեց Ջեպպետոն, օրորելով գլուխն ու տխուր ժպտալով։— Հնարավո՞ր բան է, որ քեզ նման մի մետր հասակ ունեցող բուրատինոն կարողանա այնքան ուժ ունենալ, որ ինձ լող տալով ուսերի վրա տանել։
— Փորձեք և կտեսնեք։ Համենայն դեպս, եթե երկնքում գրված է, որ պետք է մեռնենք, ապա գոնե կարող ենք նրանով մխիթարվել, որ իրար գրկած ենք մեռնում։
Եվ այլևս ոչինչ չավելացնելով, Պինոքիոն մոմը ձեռքն առավ և, լուսավորելու համար առաջ անցնելով, ասաց հորը.
— Եկե՛ք իմ ետևից և մի վախեցեք։
Այսպես քայլելով բավական տարածություն գնացին, անցնելով Շնաձկան փորի ու ստամոքսի միջով։ Բայց հասնելով այնտեղ, որտեղից սկսվում էր հրեշի հսկայական կոկորդը, մտածեցին՝ ավելի լավ է մի փոքր կանգ առնել ու նայել՝ փախչելու հարմար պահ ընտրելու համար։
Այժմ անհրաժեշտ է իմանալ, որ Շնաձուկը շատ ծեր լինելով և տառապելով շնչարգելությամբ ու սրտխփոցով, ստիպված էր քնել բերանը բաց։ Հետևապես, երբ Պինոքիոն մոտեցավ կոկորդի մուտքին և նայեց վեր, այդ հսկայական չռված երախի բացվածքից տեսավ աստղազարդ երկինքն ու լուսնի հրաշագեղ լույսը։
— Փախչելու ամենահարմար ժամն է,— փսփսաց Պինոքիոն, շրջվելով դեպի հայրը։— Շնաձուկը արջամկան պես քնած է, ծովը խաղաղ է և դրսում էլ ցերեկվա նման լույս։ Ուրեմն, հայրիկ, եկ իմ ետևից, մի քիչ հետո փրկված ենք։
Ասածն՝ արած էր. ծովային հրեշի կոկորդով վեր բարձրացան և, հասնելով նրա հսկայական երախին, սկսեցին ոտքերի ծայրով քայլել լեզվի երկարությամբ, լեզուն այնքան լայն էր ու երկար, որ թվում էր, թե դեպի պարտեզ տանող ճանապարհ է։
Էն է հա, ուզում էին ուժեղ թռիչք գործել ծովն ընկնելու և լող տալու համար, երբ հենց այդ վայրկյանին Շնաձուկը փռշտաց։ Բայց փռշտալու ժամանակ այնքան ուժեղ ցնցվեց, որ Պինոքիոյին ու Ջեպետտոյին ետ շպրտեց ու գցեց ստամոքսի խորքը։
Այդ ուժեղ հարվածի ժամանակ մոմը հանգավ, և հայր ու որդի մնացին մթում։
— Իսկ հիմա՞,— լրջանալով հարցրեց Պինոքիոն։
— Հիմա, տղաս, բոլորովին կորած ենք։
— Ինչո՞ւ ենք կորած։ Ինձ տվեք ձեր ձեռքը, հայրիկ, և զգույշ, չսայթաքեք։
— Ո՞ւր ես տանում ինձ։
— Պետք է կրկին փորձենք փախչել։ Եկեք ինձ հետ և մի՛ վախենաք։
Այսպես ասելով, Պինոքիոն բռնեց հոր ձեռքը, և, միշտ ոտքերի ծայրերի վրա քայլելով, հրեշի կոկորդով կրկին վեր բարձրացան։ Այնուհեւտև անցան ամբողջ լեզուն և բարձրացան երեք շարք ատամների վրայով։ Թռչելուց առաջ Պինոքիոն ասաց հորը.
— Բարձրացեք նստեք ուսերիս և ամո՜ւր-ամուր բռնեք ինձանից։ Մնացածն իմ գործն է։
Հենց որ Ջեպետտոն մի լավ իրեն տեղ արեց տղայի ուսերին, Պինոքիոն վստահորեն նետվեց ծովը և սկսեց լող տալ։
Ծովը հալած յուղի նման խաղաղ էր, լուսինը փայլում էր շռայլորեն, իսկ Շնաձուկը դեռ քնած էր այնպիսի խոր քնով, որ նրան չէր արթնացնի նույնիսկ թնդանոթի կրակոցը։
XXXVI. Վերջապես Պինոքիոն դադարում է բուրատինո լինելուց և դառնում է տղա
Մինչդեռ Պինոքիոն ճարպկորեն լող էր տալիս ափ հասնելու համար, հանկարծ նկատեց, որ հայրը այնպես է դողում, կարծես թե մալարիայի տենդով բռնված լիներ։
Ցրտի՞ց էր դողում արդյոք, թե՞ վախից, ով գիտե․․․ Գուցե թե՛ մեկից, թե՛ մյուսից։
Կարծելով, թե այդ դողը կարող է վախից լինել, Պինոքիոն քաջալերեց նրան.
— Մի՛ վախենցիր, հայրիկ, մի քանի րոպեից հետո ողջ և առողջ ափին կլինենք։
— Որտե՞ղ է այդ օրհնված ափը,— հարցրեց ծերունին, ավելի ու ավելի անհանգստացած և լարելով հայացքը, ինչպես դերձակներն են անում՝ ասեղը թելելու ժամանակ։— Բոլոր կողմերն էլ նայում եմ, սակայն բացի երկնքից ու ծովից՝ այլ ոչինչ չեմ տեսնում։
— Իսկ ես ափն էլ հետն եմ տեսնում,— ասաց բուրատինոն։— Լավ իմացեք, որ ես կատվի նման եմ. գիշերն ավելի լավ եմ տեսնում, քան թե ցերեկը։
Խեղճ Պինոքիոն ձևացնում էր, թե իբր տրամադրությունը լավ է, բայց․․․ Բայց փաստորեն սկսում էր արիությունը կորցնել, ուժերը թուլանում էին, շնչառությունն անընդհատ ծանրանում էր․․․ Մի խոսքով, այլևս ուժ չէր մնացել, իսկ ափը դեռ հեռու էր։ Նա լող տվեց մինչև վերջին շունչը և հետո շուռ տալով գլուխը դեպի Ջեպետտոն, ընդհատվող բառերով ասաց.
— Հայրիկ ջան, օգնեք ինձ․․․ ես մեռնում եմ։
Հայր ու որդի արդեն խեղդվելու վրա էին, երբ լարից ընկած մի կիթառի ձայն լսեցին, որն ասաց.
— Այդ ո՞վ է մեռնում։
— Ես եմ ու իմ խեղճ հայրը․․․
— Այդ ձայնը ես ճանաչում եմ․․․ Դու Պինոքիոն ես․․․
— Շատ ճիշտ է։ Իսկ դո՞ւ։
— Ես Թյուննոսն եմ, Շնաձկան փորում քո բանտարկության ընկերը։
— Հապա այդ ո՞նց փախար։
— Քո օրինակին հետևեցի։ Դու ինձ ճանապարհ ցույց տվիր, ես էլ փախա։
— Սիրելի Թյուննոս, դու ճիշտ ժամանակին պատահեցիր։ Խնդրում եմ, ի սեր քո որդիների, օգնիր մեզ, թե չէ կորած ենք։
— Սիրով։ Երկուսդ էլ կպեք պոչիցս և թույլ տվեք վարել ձեզ։ Չորս րոպեում ձեզ ափ կհանեմ։
Ջեպետտոն ու Պինոքիոն, ինչպես կարող եք պատկերացնել, անմիջապես ընդունեցին հրավերը, սակայն պոչից կպչելու փոխարեն՝ մտածեցին, որ ավելի հարմար է նստել ուղղակի Թյուննոսի մեջքին։
— Շա՞տ ծանր ենք,— հարցրեց նրան Պինոքիոն։
— Ծա՞նր․․․ բոլորովի՛ն։ Ինձ թվում է, թե մեջքիս կակղամորթերի երկու կոնք է դրած,— պատասխանեց Թյուննոսը, որ այնպիսի ուժեղ կազմվածք ուներ, ինչպես երկու տարեկան հորթը։
Ափ հասնելուց հետո Պինոքիոն առաջինը թռավ գետին, որպեսզի հորն էլ օգնի իջնել։ Այնուհետև շուռ եկավ դեպի Թյուննոսը և հուզված ձայնով ասաց նրան.
— Բարեկամս, հորս դու փրկեցիր։ Խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնվելու։ Թույլ տուր, որ գոնե հանուն հավերժ երախտագիտության համբուրեմ քեզ․․․
Թյուննոսը ջրից դուրս տնկեց իր դունչը, իսկ Պինոքիոն չոքելով գետնին համբուրեց նրա շրթունքները։ Այս ինքնաբուխ ու սրտագին քնքշության վրա խեղճ Թյուննոսը, որը սովոր չէր այդպիսի բաների, այնպես հուզվեց, որ ամաչելով ցույց տալ իր լացը, գլուխը կրկին խրեց ջրի տակ ու անհայտացավ։
Մինչդեռ արդեն ցերեկ էր։
Թևն առաջարկելով Ջեպետտոյին, որը հազիվհազ էր կարողանում ոտքերի վրա կանգնել, Պինոքիոն ասաց.
— Հենվեք, խնդրեմ, իմ թևին, սիրելի հայրիկ, և գնանք։ Մրջյունի պես կամաց-կամաց կգնանք, իսկ որ հոգնենք կհանգստանանք։
— Բայց ո՞ւր ենք գնալու,— հարցրեց Ջեպետտոն։
— Մի տուն կամ մի հյուղակ որոնելու, որտեղ մեզ ողորմածությամբ մի կտոր հաց կտան, մի քիչ էլ ծղոտ տակներս գցելու համար։
Հարյուր քայլ չէին արել, երբ տեսան ճամփեզրին նստած երկու զզվելի սֆաթ, որոնք ողորմություն էին խնդրում։
Կատուն ու Աղվեսն էին, բայց այլևս ոչ առաջվանը։ Պատկերացրեք, որ Կատուն կույր ձևանալու շնորհիվ այն տեղն էր հասել, որ իսկապես կուրացել էր, իսկ Աղվեսն էլ այնպես էր ծերացել ու բուրդը տվել, որ նույնիսկ պոչը չէր մնացել վրան։ Այդպես է։ Այդ խարդախ գողը, ծայրահեղ աղքատության մեջ ընկնելով, ստիպված էր եղել մի գեղեցիկ օր նույնիսկ իր սքանչելի պոչը վաճառել մի շրջիկ առևտրականի, որը գնել էր այն ճանճեր քշելու համար։
— Ախ, Պինոքիո,— լալագին ասաց Աղվեսը,— մի քիչ ողորմություն տուր երկու խեղճ հաշմանդամներիս։
— Հաշմանդամներիս,— կրկնեց Կատուն։
— Մնա՛ք բարով, խաբեբաներ,— պատասխանեց բուրատինոն։— Մի անգամ խաբեցիք ինձ, բայց այլևս չի հաջողվի։
— Հավատա՛, Պինոքիո, որ այսօր մեր խեղճությունն ու դժբախտությունը իսկականից են։
— Իսկականից են,— կրկնեց Կատուն։
— Եթե խեղճ էլ եք, ապա արժանի եք այդ խեղճությանը։ Հիշեք այն առածը, որն ասում է. «Գողացված փողը երբեք օգուտ չի բերում»։ Մնա՛ք բարով, խաբեբաներ։
— Խղճա՜ մեզ․․․
— Խղճա՜․․․
— Մնաք բարով, խաբեբաներ, հիշեք այն առածը, որն ասում է. «Սատանայի ալյուրը թեփ է դառնում»։
— Մեզ մի լքիր․․․
— ․․․քի՜ր,— կրկնեց Կատուն։
— Մնաք բարով, խաբեբաներ, հիշեք այն առածը, որն ասում է. «Ով իր մոտիկ մարդու վերարկուն գողանում է, սովորաբար մեռնում է առանց շապկի»։
Եվ այսպես ասելով Պինոքիոն ու Ջեպետտոն հանգիստ շարունակեցին իրենց ճանապարհը։ Մի հարյուր քայլ ևս անցնելուց հետո դաշտի մեջ, մի արահետի խորքում տեսան կղմինդրով ծածկված ծղոտե մի գեղեցիկ խրճիթ։
— Այդ խրճիթում ըստ երևույթին մեկը բնակվում է,— ասաց Պինոքիոն,— գնանք այնտեղ և դուռը թակենք։
Եվ իրոք, գնացին ու դուռը թակեցին։
— Ո՞վ է,— հարցրեց ներսից մի ձայն։
— Մի խեղճ հայր է ու մի խեղճ որդի, որոնք ոչ հաց ունեն, ոչ էլ տուն,— պատասխանեց բուրատինոն։
— Բանալին պտտեք՝ դուռը կբացվի,— ասաց միևնույն ձայնը։
Պինոքիոն պտտեց բանալին, և դուռը բացվեց։ Ներս մտնելուն պես նայեցին այստեղ, նայեցին այնտեղ, և ոչ ոքի չտեսան։
— Իսկ խրճիթի տերն ո՞ւր է,— զարմացած ասաց Պինոքիոն։
— Ես այստեղ վերևն եմ։
Հայր ու որդի անմիջապես նայեցին առաստաղին և մի բարակ գերանի վրա տեսան Խոսող Ծղրիդին։
— Օ՜, իմ սիրելի Ծղրիդիկ,— ասաց Պինոքիոն, քաղաքավարությամբ ողջունելով նրան։
— Այժմ արդեն ինձ «իմ սիրելի Ծղրիդիկ» ես կոչում, ճիշտ չէ՞։ Իսկ հիշո՞ւմ ես, որ ինձ քո տանից հանելու համար փայտե մուրճով խփեցիր․․․
— Իրավացի ես, Ծղրիդիկ, դու էլ ի՛նձ դուրս արա․․․ դու էլ ի՛նձ խփիր փայտե մուրճով, բայց գթա իմ խեղճ հորը․․․
— Ես հորն էլ կգթամ, որդուն էլ, միայն թե ուզեցի հիշեցնել քո այն տգեղ վերաբերմունքը, որպեսզի թե այս աշխարհում, երբ հնարավոր է, պետք է բոլորի հետ էլ քաղաքավարի լինել, թե որ ուզում ենք, որպեսզի մեր նկատմամբ էլ ուրիշներն ուշադիր լինեն։
— Իրավացի ես, Ծղրիդիկ, շատ ես իրավացի, և ես միտս կպահեմ քո տված դասը։ Բայց ասա տեսնեմ, թե ինչպե՞ս ես գնել այս գեղեցիկ խրճիթը։
— Այս խրճիթը երեկ ինձ նվիրեց մի հրաշալի այծ, որը շատ գեղեցիկ կապույտ մազեր ուներ։
— Իսկ այդ այծը ո՞ւր գնաց,— անհամբեր հետաքրքրությամբ հարցրեց Պինոքիոն։
— Այդ ես չգիտեմ։
— Իսկ ե՞րբ կվերադառնա։
— Էլ երբեք չի վերադառնա։ Նա երեկ գնաց շատ տխուր և մկկալով, կարծես թե ասում էր. «Խե՛ղճ Պինոքիո․․․ սրանից հետո այլևս նրան չեմ տեսնի․․․ այժմ արդեն Շնաձուկը նրան ամբողջապես լափած կլինի․․․»։
— Ուղղակի այդպես էլ ասա՞ց․․․ Ուրեմն նա՛ է եղել․․․նա՛ է եղել․․․ սիրելի Ֆեյան է եղել,— հեկեկալով ու բարձրաձայն լաց լինելով սկսեց ճղղալ Պինոքիոն։
Երբ մի կուշտ լաց եղավ պրծավ, սրբեց աչքերն ու, ծղոտից մի լավ անկողին պատրաստելով, ծածկեց ծերուկ Ջեպետտոյին։ Այնուհետև Խոսող Ծղրիդին հարցրեց.
— Ասա ինձ, Ծղրիդիկ, որտեղի՞ց կարող էի մի բաժակ կաթ գտնել իմ խեղճ հոր համար։
— Այստեղից երեք դաշտ հեռու մի բոստանչի Ջանջո կա, որը կովեր է պահում։ Գնա նրա մոտ և քո ուզած կաթը կգտնես։
Պինոքիոն վազելով գնաց բոստանչի Ջանջոյի տուն։ Բայց բոստանչին նրան ասաց.
— Ինչքա՞ն կաթ ես ուզում։
— Մի լիքը բաժակ։
— Մի բաժակ կաթը մի սոլդո արժե։ Հետևաբար, դու սկսիր սոլդոն տալուց։
— Ես նույնիսկ մի չենտեզիմո չունեմ,— պատասխանեց Պինոքիոն տխուր ու ամոթից հուզված։
— Այդ վատ է, բուրատինո,— պատասխանեց բոստանչին։— Եթե նույնիսկ մի չենտեզիմո չունես, ես էլ նույնիսկ մի կաթիլ կաթ չունեմ։
— Համբերությո՜ւն,— ասաց Պինոքիոն և ուզեց հեռանալ։
— Սպասիր մի քիչ,— ասաց Ջանջոն,— մենք իրար հետ կարող ենք համաձայնության գալ։ Ուզո՞ւմ ես վիլակ պտտել։
— Վիլակն ի՞նչ է։
— Վիլակը փայտյա այն մեխանիզմն է, որը ծառայում է ջրհորից բանջարեղենը ջրելու ջուր հանելու համար։
— Կփորձեմ․․․
— Ուրեմն, դու ինձ համար հարյուր դույլ ջուր կքաշես, իսկ ես էլ դրա փոխարեն քեզ մի բաժակ կաթ կտամ։
— Շատ լավ։
Ջանջոն բուրատինոյին տարավ բոստան և սովորեցրեց վիլակը պտտելու ձևը։ Պինոքիոն անմիջապես սկսեց աշխատել։ Սակայն, մինչև այդ հարյուր դույլ ջուր քաշելը, ոտքից մինչև գլուխ քրտինք դառավ։
Այդ տեսակ ծանր աշխատանք նա երբեք չէր կատարել։
— Մինչև հիմա այդ վիլակ պտտելու աշխատանքը,— ասաց բոստանչին,— իմ էշն էր անում։ Բայց այսօր այդ խեղճ անասունը սատկել է։
— Ինձ չե՞ք տանի նրան տեսնեմ,— ասաց Պինոքիոն։
— Հաճույքով։
Հենց որ Պինոքիոն մտավ գոմ, ծղոտի վրա փռված մի գեղեցիկ իշուկ տեսավ, որը քաղցից ու չափից դուրս աշխատելուց սաստիկ հյուծվել էր։ Մեծ ուշադրությամբ նրան դիտելուց հետո, բուրատինոն մռայլված ասաց ինքն իրեն.
— Ինչ ուզում է լինի, ես այդ իշուկին ճանաչում եմ։ Այդ դեմքը ինձ համար նորություն չէ։
Եվ կռանալով դեպի նա, ավանակային բարբառով հարցրեց նրան.
— Ո՞վ ես։
Այդ հարցի վրա իշուկը բացեց մարող աչքերը և մռթմռթալով պատասխանեց.
— Լու․․․չի․․․նյո․․․լոն եմ։
Եվ նորից աչքերը փակեց ու հոգին տվեց։
— Ա՜խ, խեղճ Լուչինյոլո,— կիսաձայն ասաց Պինոքիոն և, վերցնելով մի խուրձ ծղոտ, սրբեց արցունքի մի կաթիլ, որը դեմքի վրայով ներքև էր գլորվում։
— Մի էշի համար, որին փող չես տվել, այդքան հուզվո՞ւմ ես,— ասաց բոստանչին։— Հապա ես ի՞նչ պետք է անեի, որ այդքան փող եմ տվել։
— Ես ձեզ կասեմ․․․ նա իմ բարեկամն էր․․․
— Քո բարեկա՞մը։
— Իմ դպրոցական ընկերը․․․
— Ինչպե՞ս,— ծիծաղը զսպել չկարողանալով, ծղրտաց Ջանջոն,— ինչպե՞ս, ավանակնե՞րն էին քո դպրոցական ընկերները։ Կարելի է պատկերացնել, թե ի՞նչ լավ բաներ պետք է սովորեիր․․․
Բուրատինոն այդ բառերից ամոթահար, ոչինչ չպատասխանեց, այլ վերցրեց իր մի բաժակ գրեթե տաք կաթն ու վերադարձավ խրճիթ։ Հինգ ամսից ավելի էր, ինչ նա շարունակ ամեն առավոտ ծեգը բացվելուց առաջ վեր էր կենում ու գնում վիլակ պտտելու և այդպիսով վաստակելու այն մի բաժակ կաթը, որն այնքան լավ էր անդրադառնում հոր քայքայված առողջության վրա։ Բայց դրանով էլ չբավարարվեց. նա ազատ մնացած ժամանակը սովորեց նաև եղեգնից զամբյուղներ գործել, դրանից դուրս եկած կոպեկներով մեծ խելամտությամբ սկսեց ծածկել օրվա բոլոր տեսակ ծախսերը։ Բացի այդ, ձեռքի հետ մի գեղեցիկ ձեռնակառք պատրաստեց՝ հորը լավ եղանակներին զբոսանքի տանելու և թարմ օդ շնչելու համար։
Երեկոներն էլ արթուն ժամանակ գրել-կարդալ էր սովորում։ Հարևան գյուղից մի քանի չենտեզիմո արժողությամբ մի հաստ գիրք էր գնել, որի ո՛չ անունը կար և ո՛չ էլ ցանկը, և դրանով դասերն էր պատրաստում։ Գրելու համար ծայրի ձևով սրած մի տաշեղ էր օգտագործում, իսկ թանաքաման ու թանաք չունենալու հետևանքով, այդ տաշեղը մի սրվակի մեջ էր թաթախում, որտեղ մոշի և բալի հյութ էր լցրել։
Բանն այն է, որ իր փութաջանության, աշխատասիրության և առաջ գնալու բարի կամքի շնորհիվ նրան հաջողվում էր ոչ միայն ապահովել հիվանդ հորը, այլև քառասուն սոլդո խնայողություն անել՝ իրեն մի նոր զգեստ գնելու համար։
Մի առավոտ նա հորն ասաց.
— Ես գնում եմ մոտակա շուկան ինձ համար մի պիջակ, մի գլխարկ և մի զույգ կոշիկ գնելու։ Երբ տուն վերադառնամ, այնքան լավ հագնված կլինեմ, որ ինձ մեծ սինյորի տեղ կդնեք։
Դուրս գալով տանից, նա սկսեց ուրախ-ուրախ վազել։ Հանկարծ զգաց, որ ետևից ձայն են տալիս իրեն. շուռ եկավ և տեսավ ցանկապատից դուրս եկող մի գեղեցիկ խխունջ։
— Չես ճանաչո՞ւմ ինձ,— ասաց Խխունջը։
— Կարծես ճանաչում եմ, բայց․․․
— Չես հիշո՞ւմ այն Խխունջին, որ կապույտ մազերով Ֆեյայի մոտ սպասավոր էր։ Չե՞ս մտաբերում այն դեպքը, երբ ես իջա քեզ լույս անելու համար, և դու էլ մի ոտքով տան մուտքի դռան մեջ խրված մնացիր։
— Բոլորը մտաբերում եմ,— բացականչեց Պինոքիոն։— Ապա մի շուտ ասա ինձ, Խխունջիկ, որտե՞ղ ես թողել իմ բարի Ֆեյային։ Նա ի՞նչ է անում։ Նա ինձ ներե՞լ է։ Դեռ ինձ հիշո՞ւմ է։ Սիրո՞ւմ է դեռ ինձ։ Շա՞տ է հեռու։ Ես կկարողանայի՞ գնալ նրան տեսնելու։
Իրար վրա և շնչակտուր տված այս հարցերին Խխունջը պատասխանեց իր սովորական դանդաղկոտությամբ.
— Սիրելի Պինոքիո, խեղճ Ֆեյան անկողին ընկած-պառկած է հիվանդանոցում․․․
— Հիվանդանոցո՞ւմ․․․
— Ցավոք սրտի՝ այո։ Գլուխը հազար ու մի տեսակ դժբախտություն եկած՝ ծանր հիվանդացել է և էլ բան չունի, որ մի կտոր հաց գնի իր համար։
— Իսկապե՞ս․․․ Օ՜, ի՛նչ ցավ պատճառեցիր ինձ։ Խե՜ղճ Ֆեյա, խե՜ղճ Ֆեյա, խե՜ղճ Ֆեյա․․․ եթե ես մի միլիոն ունենայի՝ անմիջապես կվազեի և կտայի իրեն․․․ Բայց իմ ունեցածն ընդամենը քառասուն սոլդո է․․․ Ահա՛։ Ճիշտն ասած, գնում էի ինձ համար մի նոր զգեստ գնելու։ Վերցրու սրանք, Խխունջ, և իսկույն հասցրու իմ բարի Ֆեյային։
— Իսկ քո նոր զգեստը․․․
— Ինչի՞ս է պետք նոր զգեստը։ Ես այս ցնցոտիներն էլ վաճառեի նրան օգնելու համար․․․ Գնա՛, Խխունջ, և շտապիր, իսկ երկու օրից հետո նորից արի այստեղ, հույս ունեմ՝ էլի մի քանի սոլդո տալ։ Մինչև հիմա աշխատել եմ հորս պահելու համար, այսօրվանից հինգ ժամ էլ ավել կաշխատեմ, որպեսզի կարողանամ իմ բարի մորը նույնպես պահել։ Ցտեսություն, Խխունջ. երկու օրից հետո կսպասեմ քեզ։
Խխունջը, հակառակ իր սովորության, սկսեց վազել, ինչպես մողեսն է վազում օգոստոսի ամենաշոգ օրերին։
Երբ Պինոքիոն տուն վերադարձավ, հայրը նրան հարցրեց.
— Իսկ քո նոր զգեստը։
— Հնարավոր չեղավ մի այնպիսի զգեստ գտնել, որ լավ նստեր վրաս։ Համբերությո՜ւն․․․ Մի ուրիշ անգամ կգնեմ։
Այդ երեկո Պինոքիոն մինչև ժամի տասը նստելու փոխարեն, նստեց մինչև կես գիշեր։ Եվ ութ եղեգնյա զամբյուղ պատրաստելու փոխարեն՝ պատրաստեց տասնվեցը։
Այնուհետև պառկեց ու քնեց։ Եվ քնի մեջ երազում տեսավ գեղեցիկ ու ժպտադեմ Ֆեյային, որը նրան համբուրեց ու այսպես ասաց.
«Կեցցե՛ս, Պինոքիո։ Քո բարեսրտության համար ես ներում եմ քո այն բոլոր չարաճճիությունները, որ մինչև այսօր արել ես դու։ Այն բոլոր երեխաները, որոնք սիրով ու հոգատարությամբ օգնում են հիվանդ ու կարիքի մեջ գտնվող իրենց ծնողներին, միշտ էլ արժանի են մեծ գովասանքի և մեծ սիրո, եթե նույնիսկ չեն կարող հնազանդություն ու լավ վարքի տիպար հանդիսանալ։ Խելքի եկ ապագայում, և դու երջանիկ կլինես»։
Հենց այդտեղ երազը վերջացավ, Պինոքիոն արթնացավ խոշոր ու լայն բացած աչքերով։
Այժմ ինքներդ պատկերացրեք, թե նա ինչքան զարմացավ, երբ արթնանալով, տեսավ, որ էլ ոչ թե փայտյա բուրատինո է, այլ դարձել է ուրիշ երեխաների նման մի իսկական տղա։ Նայելով շուրջը, խրճիթի սովորական ծղոտյա պատերի փոխարեն տեսավ հասարակ, բայց ճաշակով կահավորված ու զարդարված մի սենյակ։ Մահճակալից ցած իջնելով՝ մի բոլորովին պատրաստ՝ նոր զգեստ գտավ, նոր գլխարկ, մի զույգ էլ կոշիկ, որոնք հրաշալի կերպով սազում էին իրեն։
Հենց որ հագնվեց վերջացրեց, բնազդորեն ձեռքերը տարավ գրպանը և հանեց փղոսկրյա մի փոքրիկ դրամապանակ, որի վրա գրված էին հետևյալ բառերը. «Կապույտ մազերով Ֆեյան վերադարձնում է իր սիրելի Պինոքիոյի քառասուն սոլդոն և շնորհակալություն է հայտնում նրա բարեսրտության համար»։ Բացելով դրամապանակը, նա այնտեղ քառասուն պղնձյա սոլդոյի փոխարեն գտավ քառասուն ոսկյա ցեքին, որոնք փայլում էին այնպես, ասես հենց նոր կտրած լինեին։
Այնուհետև գնաց հայելու մեջ իրեն նայելու, և թվաց, թե իր փոխարեն մեկ ուրիշն է։ Նա այլևս չտեսավ հայելու մեջ անդրադարձող այն փայտե բուրատինոյի սովորական կերպարանքը։ Այնտեղից իրեն էր նայում մի իսկական տղայի գեղեցիկ ու խելացի դեմք՝ շագանակագույն մազերով, երկնագույն աչքերով, ուրախ ու զվարթ, կարծես թե հրեշտակ լիներ։
Այս բոլոր հրաշքներից, որոնք տեղի էին ունենում մեկը մյուսի հետևից, Պինոքիոյի միտքը շաղվել էր, նա այլևս չէր հասկանում՝ իրողությո՞ւն է դա, թե դեռ աչքերը բաց երազում է։
— Իսկ հայրիկս որտե՞ղ է,— հանկարծ բացականչեց նա և, մտնելով կողքի սենյակը, գտավ ծերունի Ջեպետտոյին առույգ ու աշխույժ և առաջվա նման բարձր տրամադրությամբ։ Նա կրկին ձեռք էր զարկել փայտի վրա փորագրելու իր արհեստին՝ ուղղակի կանգնել ու փորագրում էր՝ թփերով, ծաղիկներով և զանազան կենդանիների գլխիկներով մի շրջանակ։
— Ապա մի հասկացրու ինձ, սիրելի հայրիկ, ինչպե՞ս կարելի է բացատրել ողջ այս հանկարծակի փոփոխությունները,— հարցրեց Պինոքիոն հոր վզին փաթաթվելով ու համբույրներով ծածկելով նրան։
— Այս հանկարծակի փոփոխությունները բոլորն էլ քո շնորհիվ են,— ասաց Ջեպետտոն։
— Ինչո՞ւ իմ շնորհիվ։
— Որովհետև, երբ վատ տղաները լավ տղաներ են դառնում, բոլորովին նոր և ուրախ տեսք են տալիս նաև իրենց շրջապատին ու ընտանիքին։
— Իսկ փայտե հին Պինոքիոն որտե՞ղ կարող է թաքնված լինել։
— Ահա այնտեղ,— պատասխանեց Ջեպետտոն, ցույց տալով աթոռին հենված մի մեծ բուրատինո, որի գլուխը շրջվել էր մի կողմ, թևերը կախվել էին, ոտքերը խաչվել ու կեսից ծալվել, այնպես որ մարդու հավատալը չէր գալիս, թե դա երբևէ կարողացել է ուղիղ կանգնել։
Պինոքիոն շուռ եկավ նրան նայելու. մի փոքր նայելուց հետո ինքնագոհ ասաց.
— Ինչքա՜ն ծիծաղելի էի բուրատինո ժամանակս և ինչքան գոհ եմ, որ դարձել եմ մի խելացի տղա․․․
- ↑ Չիլիեջա – իտալերեն նշանակում է բալ։
- ↑ Բուրատինո – իտալերեն նշանակում է տիկնիկ։
- ↑ Սոլդո - իտալական դրամ։
- ↑ Չենտեզիմո – իտալական դրամ, որ կազմում է 1/100-ը։
- ↑ Հավերժահարս։
- ↑ Գանգրամազ շուն։
- ↑ Սավոյը իտալական քաղաք է։
- ↑ Կարաբին – իտալական ոստիկան։
- ↑ Լուչինյոլո – իտալերեն՝ պատրույգ։
- ↑ Պանդեմոնիում – դևերի հավաքատեղի (դից.)։