Changes

Անտեսանելի Մարդը

Ավելացվել է 224 741 բայտ, 06:54, 22 Հուլիսի 2016
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]
 
{{անավարտ}}
== Գլուխ առաջին։ Տարօրինակ մարդու ժամանումը ==
== Գլուխ տասնվեցերորդ։ «Զվարթ կրիկետիստները» պանդոկում ==
 
Իրիկնամուտին բժիշկ Քեմփը նստել էր բլրի վրա կանգնած տան փոքրիկ աշտարակում գտնվող աշխատասենյակում, որն իշխում էր ամբողջ Բարդոքին։ Այս հաճելի սենյակն ուներ երեք պատուհան, որոնք նայում էին դեպի հյուսիս, արևմուտք ու հարավ․ այնտեղ կային գրքերով ու գիտական հրատարակություններով խճողված դարակներ, մի լայն գրասեղան, և հյուսիսային պատուհանի տակ դրված սեղանիկի վրա՝ մի մանրադիտակ, ապակու շերտեր, փոքրիկ գործիքներ, բացիլների մշակույթներ և ռեակտիվներ պարունակող շշեր։ Բժիշկ Քեմփի ճրագը վառ էր, թեև երկնակամարում դեռ փայլում էր մայր մտնող արևի լույսը, իսկ վարագույրները բարձրացված էին, քանի որ անցորդների ներս նայելու վտանգ չկար։ Բժիշդ Քեմփը բարձրահասակ ու նիհար երիտասարդ էր, վուշե մազերով և սպիտակին տվող բեղերով։ Հուսով էր՝ Արքայական գիտընկերության անդամության իրավունքը կվաստակի իր ձեռնարկած աշխատանքով, որը շատ բարձր էր գնահատում։
 
Երբ քիչ հետո աչքերը բարձրացրեց աշխատանքից, պատուհանի դիմացի բլրի ետևը տեսավ բոցավառվող մայրամուտը։ Գուցե մի ամբողջ րոպե գրիչը բերանում նստեց, հիանալով բլրագագաթին թափված ոսկեգույնով, ապա ուշադրությունը գրավեց ածխասև մի մարդուկի կերպարանք, որ բլրալանջով վեր՝ դեպի իր կողմն էր վազում կարճլիկ մի մարդուկ, գլխին խողովակաձև գլխարկ. նա այնքան արագ էր վազում, որ սրունքները իսկապես առկայծում էին օդում։
 
— Էլի մի հիմար,— գոչեց բժիշկ Քեմփը։— Նման այն ավանակին, որ անկյունը շրջվելիս ինձ զարնվեց ու գոռաց՝ «Անտեսանելի Մարդն է գալիս, սըր»։ Չեմ հասկանում՝ մարդկանց խելքին ինչ է փչում։ Կարծես տասներեքերորդ դարումն ենք ապրում։
 
Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին և սևեռուն դիտեց մթնշաղում թաղված բլրալանջը ու ցած խուժող փոքրիկ կերպարանքր։
 
― Դա ինչ դժոխային աճապարանք է,— բացականչեց բժիշկ Քեմփը,— բայց ոնց որ տեղից չի էլ շարժվում։ Թեկուզ գրպանները կապար լցրած լիներ, դժվար թե ավելի դանդաղ վազեր։ Թափ վերցրեք, սը՛ր, թափ վերցրեք։
 
Մի րոպե անց Բարդոքի կողմից բլուրն ի վեր մագլցող վիլլաներից ամենաբարձրը թաքցրել էր վազող կերպարանքը։ Ապա դարձյալ երևաց նա։ Նույնը կրկնվեց նորից ու նորից։ Եվ մարդը այսպես երեք անգամ չքացավ ու հայտնվեց իրարից հեռու կանգնած տների պատերի տակով վազելիս, որից հետո դարատափը թաքցրեց նրան։
 
― Ավանակնե՜ր,― գոչեց բժիշկ Քեմփը և կրնկի վրա շուռ գալով՝ գրասեղանին մոտեցավ։
 
Բայց նրանք, ովքեր ճանապարհին լինելով, մոտից էին տեսնում փախստականին ու նկատում էին քրտնած դեմքին դրոշմրված ծայրահեղ սարսափը, չէին բաժանում բժշկի արհամարհանքը։ Վազելիս մարդը զրնգում էր լավ լցված քսակի պես, որ շպրտվում է դես ու դեն։ Ոչ աջ էր նայում, ոչ ձախ․ լռված աչքերը սևեռել էր ուղիղ բլրալանջով ցած, որտեղ լապտերներ էին վառվում և փողոցում մարդիկ էին խռնվել։ Վազողի անճոռնի բերանը կիսաբաց էր ու լորձունքը փրփրել էր շրթներին․ նա խռպոտ ու աղմկալից էր շնչում։ Բոլոր հանդիպողները կանգ էին առնում, ակնապիշ նայում էին ճանապարհով վեր ու վար, իրար հարցուփորձում էին և անհանգիստ կասկածով համակվում նրա աճապարանքի պատճառի մասին։
 
Քիչ անց բլրագագաթի մոտ՝ ճանապարհին վազվզող մի շուն կաղկանձեց ու դիմացի դարպասի տակ վազեց․ մինչ անցորդները վարանած կանգնել էին, ինչ֊որ քամի, դոփյուն, հևասպառ շնչառության պես մի ձայն խուժեց անցավ նրանց կողքով։
 
Մարդիկ ճչացին, մայթերից դեն նետվեցին։ Խուճապը փոխանցվում էր աղաղակներով ու բնազդաբար բլուրով ցած էր իջնում։ Փողոցում գոռում֊գոչում էին նրանք, մինչ Մարվըլը հազիվ բլրալանջի կեսն էր հասել, ամենքը տներից ներս էին նետվում, իրենg ետևից շրխկացնում էին դռները և տալիս էին լուրը։ Մարվըլը լսում էր այդ բոլորը, ուստի մի վերջին ճիգ արեց։ Սարսափը սրընթաց եկավ, նրանից առաջ անցավ և մի ակնթարթում տիրեց ամբողջ ավանը։
 
― Անտեսանելի Մարդն է գալիս, Անտեսանելի Մարդը...
 
 
## Գլուխ տասնվեցերորդ։ «Զվարթ կրիկետիստները» պանդոկում
«Զվարթ կրիկետիստներ» պանդոկը գտնվում է բլրան ստորոտում, որտեղ սկսվում է ձիաքարշի գիծը։ Պանդոկապետը գիրուկ ու կարմիր բազուկները հենել էր վաճառասեղանին և սակավարյուն կառապանի հետ ձիերից էր խոսում։ Իսկ գորշ հագուստով սևամորուս մի մարդ պանրով պաքսիմատ էր խժռում, «բարթըն» էր խմում և ամերկերեն զրուցում հերթապահությունը հենց նոր վերջացրած ոստիկանի հետ։
== Գլուխ տասնյոթերորդ։ Բժիշկ Քեմփի այցելուն ==
 
Բժիշկ Քեմփը շարունակեց գրել իր աշխատասենյակում, մինչև որ կրակոցները գրավեցին նրա ուշադրությունը։ Փամփուշտները ճարճատում էին մեկը մյուսի ետևից։
 
— Օհո՞,— բացականչեց բժիշկ Քեմփը դարձյալ կծելով գրիչը և ականջ դրեց։— Այդ ո՛վ է Բարդոքում ատրճանակով կրակում։
 
Ապա դեպի հարավ նայող պատուհանին մոտեցավ, վեր հրելով բացեց և գլուխը դուրս տնկելով սևեռուն դիտեց ներքևը փռված պատուհանների ցանցը, տերողորմյայի հատիկների պես շարված գազային լապտերներն ու խանութները, արանքներում ընկած մթին տանիքներով և բակերով, ինչպիսին էր ավանի պատկերը գիշերով։
 
— Ոնց որ բազմություն է հավաքվել բլրան ստորոտը, «կրիկետիստների» առաջ,— ասաց նա, շարունակելով ուշադիր դիտել։ Այնտեղից հայացքը թափառեց մինչև հեռուները, որտեղ փայլում էին նավերի լույսերը և նավահանգիստը շողշողում էր, ասես լուսավորված մի փոքրիկ տաղավար լիներ՝ հար և նման դեղնափայլ գոհարին։
 
Հինգ րոպե անց, որի ժամանակ նրա միտքը ճանապարհորդել էր գալիքի սոցիալական պայմանների մասին վերացական խորհրդածություններում և ի վերջո անսահման ժամանակի խորքերում էլ կորսվել, բծիշկ Քեմփը մի թեթև հառաչանքով ինքն իրեն հավաքեց, ցած քաշելով փակեց պատուհանը և վերադարձավ իր գրասեղանը։
 
Գրեթե մի ժամ անց՝ մուտքի դռան զանգը տրվեց։ Կրակոցները լսելուց ի վեր ալարելով էր աշխատել, մերթ ընդ մերթ խորհրդածությունների անձնատուր լինելով։ Աշխատանքը թողած՝ ականջ դրեց․ լսեց, թե ինչպես սպասուհին դուռը բաց արեց և սպասեց աստիճանների վրա լսվելիք ոտնաձայնին, բայց դա չեկավ։
 
― Արդյոք ո՞վ էր,— ասաց բժիշկ Քեմփը։
 
Փորձեց վերսկսել աշխատանքը, բայց չկարողացավ։ Ապա վեր կացավ, աշխատասենյակից դուրս եկավ և հարթակի վրա կանգնած՝ զանգը տվեց, ու երբ սպասուհին երևաց նախասրահում, բժիշկը բազրիքի վրայով ձայն տվեց․
 
— Նամա՞կ բերին։
 
— Ո՛չ, սըր, պատահական զանգ էր,— պատասխանեց սպասուհին։
 
― Չգիտեմ ինչո՛ւ, այս գիշեր անհանգիստ եմ,— ասաց բժիշկ Քեմփն ինքն իրեն։
 
Ապա աշխատասենյակ վերադարձավ և այս անգամ վճռականորեն հարձակվեց աշխատանքի վրա։ Քիչ անց, ամբողջովին կլանվել էր իր ուսումնասիրությամբ. սենյակի լռությունը խզում էին լոկ ժամացույցի թխկթխկոցն ու սեղանի վրա լուսամփոփի գցած լույսի շրջանի կենտրոնում շտապող գրչի խեղդուկ ճռճռոցը։
 
Արդեն ժամը երկուսն էր, երբ բժիշկ Քեմփն ավարտեց գիշերվա աշխատանքը։ Նա վեր կացավ, հորանջեց և ներքնահարկի ննջարանն իջավ։ Արդեն հանել էր բաճկոնն ու բաճկոնակը, երբ զգաց, թե ծարավ է։ Մոմը վերցրեց և ճաշասենյակ իջավ զելտերյան ջուրն ու վիսկին փնտրելու։
 
Գիտահետազոտական աշխատանքները սրել էին բժիշկ Քեմփի դիտողականությունը․ ճաշասենյակից վերադառնալիս աստիճանների ստորոտը փռված փսիաթի մոտ, լինոլեումի վրա տեսավ մուգ գույնի մի բիծ։ Նա վեր բարձրացավ, բայց հանկարծ ինքն իրեն հարց տվեց, թե այդ ինչ բիծ էր լինոլեումի վրա։ Երևի այդ միտքը ուղեղի ենթագիտակցական աշխատանքի արդյունք էր։ Ինչևիցե, այդպես բեռնավորված, նա նախասրահ վերադարձավ, ցած դրեց զելտերյան ջուրն ու վիսկին և կռանալով դիպավ բիծին։ Շատ չզարմացավ, երբ տեսավ, բիծը չորացող արյան կպչունությունն ու գույնն ունի։
 
Նորից վերցրեց բեռը և վերնահարկ վերադարձավ, չորս կողմը նայելով և աշխատելով պարզել, թե որտեղից էր արյան բիծը։ Հարթակի վրա ինչ֊որ բան տեսավ ու զարմացած կանգ առավ։ Իր սենյակի դռան բռնակն արյունոտ էր։
 
Նա իր ձեռքին նայեց։ Մաքուր էր ձեռքը։ Եվ ահա, հիշեց, թե երբ աշխատասենյակից իջել էր, ննջարանի դուռը բաց էր գտել, հետևաբար երբեք չէր դիպել բռնակին։ Ուղղակի իր սենյակը գնաց․ դեմքը շատ հանդարտ էր ու թերևս սովորականից մի քիչ ավելի վճռական։ Զննող նայվածքը սենյակի չորս կողմը պտտվելիս՝ մահճակալի վրա կանգ առավ։ Վերմակի վրա արյան մի լճակ կար և սավանը պատռվել էր։ Սկզբում չէր նկատել այդ, որովհետև ուղղակի դեպի զարդասեղանն էր քայլել։ Մահճակալի մյուս ծայրում սավանները փոսացել էին, ասես հենց նոր ինչ֊որ մեկը նստել էր այնտեղ։
 
Ապա տարօրինակ մի զգացողություն ունեցավ, թե լսում է մի բարձր ձայն, որ ասում էր․ «Տե՜ր աստված, Քե՛մփն է»։ Բայց բժիշկ Քեմփը ձայների հավատացողներից չէր։
 
Նա սևեռուն նայեց տրորված սավաններին։ Մի՞թե իսկապես ինչ֊որ ձայն էր դա։ Նորից շուրջը նայեց, բայց խառնիխուռն և արյունոտված անկողնից բացի, ուրիշ բան չնկատեց։ Ապա հստակորեն լսեց մի շարժում՝ սենյակի մի կողմից մյուսը, լվացարանի ուղղությամբ։ Բոլոր մարդիկ, ինչքան էլ զարգացած լինեն, միշտ էլ զերծ չեն սնահավատության որոշ մնացուկներից։ Հոգեմաշ մի զգացումով համակվեց Քեմփը։ Ննջասենյակի դուռը փակեց, զարդասեղանին մոտեցավ ու ցած դրեց բեռը; Հանկարծ ցնցվելով իր և լվացարանի միջև հենց օդում նկատեց սավանից կտրված՝ ոլորված և արյունոտ մի վիրակապ։
 
Ապուշ կտրած նայեց. դատարկ մի վիրակապ էր, պարտ ու պատշաճ կերպով կապված, բայց բոլորովին դատարկ։ Ուզեց մոտենալ ու բռնել, բայց ինչ֊որ հպում և շատ մոտիկից խոսող մի ձայն կասեցրին նրան։
 
― Քե՛մփ,— ասաց Ձայնը։
 
― Հը՞,― բացականչեց Քեմփը բերանաբաց։
 
― Իրար մի՛ անցեք,— հորդորեց Ձայնը։— Ես Անտեսանելի Մարդ եմ։
 
Քեմփը մի պահ լուռ մնաց, աչքերը հառած վիրակապին։
 
― Անտեսանելի Մա՞րդ,― դուրս թռավ նրա բերանից։
 
― Ես Անտեսանելի Մարդ եմ,— կրկնեց Ձայնը։
 
Քեմփը հանկարծ հիշեց այն պատմությունը, որ առավոտյան այնքան բուռն կերպով ծաղր ու ծանակի էր ենթարկել։ Ըստ երևույթին այդ պահին շատ չվախեցավ ու չզարմացավ։ Հետո միայն անդրադարձավ կատարված իրողությանը։
 
― Կարծում էի՝ այս բոլորը սուտ է,— ասաց նա։ Նույն պահին գլխում պտտվում էին այդ առավոտ իր բերած փաստարկները։— Դուք վիրակապվա՞ծ եք,— հարցրեց նա։
 
― Այո՛,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։
 
― Օ՜,― բացականչեց Քեմփը և հանկարծ աշխուժացավ։— Լսե՛ք,— գոչեց նա,— բայց սա դատարկաբանություն է։ Այստեղ մի խաղ կա։— Նա հանկարծ մի քայլ արեց, և դեպի վիրակապը մեկնած ձեռքը դիպավ անտեսանելի մատների։
 
Այս հպումից ընկրկեց և երեսի գույնը թռավ։
 
― Աստծո սիրույն, Քեմփ, իրար մի՛ անցեք, օգնության մեծ կարիք եմ զգում։ Կա՛ց։
 
Անտեսանելի ձեռքը բռնեց Քեմփի բազուկը։ Քեմփը բռունցքով խփեց բազուկին։
 
— Քե՛մփ,— բղավեց Ձայնը,— Քե՛մփ, իրար մի՛ անցեք,— և ավելի ամուր սեղմեց նրա բազուկը։
 
Քեմփը ինքն իրեն ազատելու մոլեգին ցանկություն ունեցավ։ Վիրակապված բազուկի ձեռքը բռնեց նրա ուսը և նա հանկարծ հատակից կտրվեց ու շպրտվեց մահճակալի վրա. մեջքի վրա ընկած՝ բերանը բացեց, որ գոռա, բայց իսկույն սավանի մեկ անկյունը ատամների արանքը խրվեց։ Անտեսանելի Մարդը անողոքորեն պառկեցրել էր նրան, բայց բազուկներն ազատ էին, և նա կատաղորեն հարվածում էր և աշխատում քացով տալ։
 
― Ես ձեզ ասում եմ՝ խելքի եկեք,— ասաց Անտեսանելի Մարդը, որ հակառակ կողերին իջնող հարվածքների, դնռևս կառչել էր Քեմփին։— Երկինքը վկա, դուք կատաղեցնում եք ինձ։
 
― Հանգիստ մնացեք, հիմարի մե՛կը,— բղավեց Անտեսանելի Մարդը Քեմփի ականջում։
 
Քեմփը մի քիչ էլ թպրտաց, ապա հանդարտվեց։
 
― Եթե գոռաք, կջնջխեմ ձեր դեմքը,— ասաց Անտեսանելի Մարդը սավանի ծայրը քաշելով Քեմփի բերանից։— Ես Անտեսանելի Մարդ եմ։ Ո՛չ փչոց է դա, ո՛չ էլ կախարդություն։ Իսկապես Անտեսանելի Մարդ եմ ես։ Եվ ձեր օգնության կարիքն եմ զգում։ Ձեզ վնաս հասցնել չեմ ուզում, բայց եթե գազազած գեղջուկի պես վարվեք, կհասցնեմ։ Դուք ինձ չե՞ք հիշում, Քեմփ։ Գրիֆինն եմ ես ― համալսարանում միասին ենք եղել։
 
― Թողեք վեր կենամ,ասաց Քեմփը։— Տեղիցս չեմ շարժվի, Եվ թույլ տվեք մի րոպե հանգիստ նստեմ։
 
Քեմփը նստեց մահճակալում և ծոծրակը շփեց։
 
― Գրիֆինն եմ ես․ մենք նույն համալսարանից ենք։ Ես ինձ անտեսանելի դարձրի։ Շատ սովորական մարդ եմ, մի մարդ, որին ճանաչել եք, միայն թե անտեսանելի եմ դարձել։
 
― Գրիֆի՞ն,― հարցրեց Քեմփը։
 
― Այո՛, Գրիֆին,— պատասխանեց Ձայնը։— Ձեզնից մի կուրս ցածր էի, համարյա ալբինոս էի, վեց ոտնաչափ հասակով, թիկնեղ, վարդադույն ու սպիտակ դեմքով և կարմիր աչքերով. այն, որ քիմիայի մեդալն ստացավ։
 
― Ես շվարած եմ,— մրթմրթաց Քեմփը։— Ուղեղումս ամեն ինչ իրար է խառնվել։ Այս բոլորն ի՞նչ կապ ունի Գրիֆինի հետ։
 
— Ե՛ս եմ Գրիֆինը։
 
Քեմփը մտածեց։
 
― Ահռելի է,— ասաց նա։— Բայց ինչպիսի սատանայություն է պետք, որ մարդ անտեսանելի դառնա։
 
― Ո՛չ մի սատանայություն։ Շատ տրամաբանական և դյուրահասկանալի պրոցես է։
 
― Ահռելի է,— կրկնեց Քեմփը։— Բայց այդ ինչպե՞ս․․․
 
― Իսկապես, որ ահռելի է։ Բայց ես վիրավոր եմ, վերքս տանջում է ինձ և հոգնել եմ։ Տե՜ր աստված... Քե՛մփ, ի վերջո տղամարդ ե՞ք, թե չէ։ Իրար մի՛ անցեք։ Ինձ ուտելիք ու խմիչք տվեք և թողեք մի քիչ նստեմ այստեղ։
 
Քեմփն ակնապիշ նայեց վիրակապին, որ շարժվեց սենյակի մի կողմից մյուսը․ հետո տեսավ, թե ինչպես ոզորահյուս մի բազկաթոռ քարշ տրվեց հատակին և կանգ առավ մահճակալի մոտ։ Աթոռը ճռռաց և նստատեղին գրեթե քառորդ մատնաչափ ցած իջավ։ Քեմփը աչքերը շփեց և նորից ծոծրակին տարավ ձեռքը։
 
— Սա տվեց֊անցավ ոգիներին,— ասաց նա տխմար ծիծաղով։
 
― Ա՛յ դա լավ է։ Փառք Աստծո, արդեն խոսում եք ողջամիտ մարդու պես։
 
— Համ էլ հիմարի պես,— պատասխանեց Քեմփը, ձեռքի երեսով սրբելով աչքերը։
 
― Ինձ մի քիչ վիսկի տվեք։ Հազիվ եմ շունչ քաշում։
 
― Ես այդ չէի ասի։ Որտե՞ղ եք դուք: Եթե վեր կենամ՝ ձեզ չե՞մ զարնվի։ Այստե՞ղ եք... Շատ բարի․․․ Վիսկի՞․․․ Ահա՛․․․ Որտեղ մատուցեմ ձեզ։
 
Բազկաթոռը ճռռաց և Քեմփն զգաց, որ բաժակը խլվեց ձեռքից, ճիգ գործադրելով, բաց թողեց այն. նրա բնազդը ընդվզում էր, բայց բաժակը կանգ առավ օդում, բազկաթոռի նստատեղիի ծայրից մի քսան մատնաչափ բարձրության վրա։ Ծայր աստիճան շփոթված՝ Քեմփը ակնապիշ նայեց բաժակին։
 
— Սա՞... Դե իհարկե, սա պետք է հիպնոս լինի։ Երևի ինձ ներշնչեցիք, թե՝ անտեսանելի եք։
 
— Դատա՛րկ խոսք,— գոչեց Ձայնը։
 
― Խելագարություն է սա։
 
― Ինձ լսեք․․․
 
— Այս առավոտ վերջնականապես ապացուցեցի,— սկսեց Քեմփը,— թե անտեսանելիությունը․․․
 
― Հիմա մի կողմ թողե՛ք, ինչ որ ապացուցել եք։ Ես քաղցից մեռնում եմ,— ընդհատեց Ձայնը։— Հետո մերկ մարդու համար գիշերով ցուրտ է։
 
― Ուտե՜լ է ուզում․․․
 
Վիսկիի բաժակն ինքն իրեն թեքվեց։
 
— Այո՛,— պատասխանեց Անտեսանելի Մարդը, թխկոցով ցած դնելով բաժակը։— Ցայգազգեստ չունե՞ք դուք։
 
Քեմփը կիսաձայն մի բացականչություն արձակեց: Ապա պահարանին մոտեցավ և մուգ֊կարմիր մի ցայգազգեստ հանեց։
 
― Սա կլինի՞,— հարցրեց նա։
 
Ցայգազգեստը վերցվեց ձեռքից։ Մի պահ թույլ կախվեց օդում, քստմնելիորեն ալեկոծվեց, ապա լեցուն և պարտ ու պատշաճ կանգնած՝ կոճկվեց ու նստեց բազկաթոռին։
 
― Ինչ լավ կլիներ՝ վարտիք, գուլպաներ և հողաթափեր ունենայի,— ասաց Անտես անելին կարճ ու կտրուկ։— Եվ ուտելիք էլ...
 
― Ինչ որ կցանկաք։ Բայց մինչև հիմա երբեք այսքան հիմար գործի մեջ չէի խառնվել․․․
 
Քեմփը գզրոցները բաց արեց պահանջված առարկաները տալու համար, ապա ցած իջավ, որպեսզի թալանի մառանը։ Քիչ անց վերադարձավ մի քանի սառը կոտլետներով և հացով, մի թեթև սեղան մոտեցրեց և այդ բոլորը հյուրի առաջ դրեց։
 
― Դանակի կարիք չկա,— ասաց այցելուն․ մի կոտլետ կախվեց օդի մեջ, և ծամելու ձայն լսվեց։
 
— Անտեսանելի,— մրթմրթաց Քեմփը ու նստեց բազկաթոռին։
 
― Ուտելուց առաջ միշտ էլ ուզեցել եմ հագնվել,— ասաց Անտեսանելի Մարդը լեցուն բերանով և շարունակեց անհագորեն ուտել։— Տարօրինակ քմահաճույք․․․
 
― Ըստ երևույթին ձեր դաստակը կարգին է,— հարեց Քեմփը։
 
― Դուք մի՛ անհանգստանաք,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։
 
― Այսքա՜ն էլ արտասովոր ու աարմանալի․․․
 
― Այդպե՜ս է․․․ Տարօրինակն այն է՝ որ պատահմամբ հենց ձեր տունն ընկա վիրակապվելու համար։ Առաջին անգամ բախտս բանեց։ Համենայն դեպս, մտադիր էի այս տանը գիշերել։ Դուք պետք է հանդուրժեք այդ։ Զզվելիորեն տհաճ է, չէ՞, արյանս երևալը։ Այստեղ մի կարգին փշուր է կազմվել։ Պարզվում է՝ մակարդվելիս տեսանելի է դառնում։ Արդեն երեք ժամ է այստեղ եմ։
 
― Բայց ինչպե՞ս գլուխ բերեցիք,— սկսեց Քեմփը զրգռված։— Գրողը տանի։ Այս ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ անտրամաբանական է։
 
— Շատ էլ տրամաբանական է,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։— Միանգամայն տրամաբանական․․․
 
Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց վիսկիի շիշը։ Քեմփն ակնապիշ նայեց լափող ցայգազգեստին։ Մոմի լույսի շողքը թափանցում էր աջ ուսի պատռվածքի միջով և լույսի մի եռանկյուն կազմում՝ ձախ կողմի կողոսկրների տակ։
 
— Այդ ի՞նչ կրակոցներ էին,— հարցրեց Քեմփը։— Ինչպե՞ս սկսվեց հրաձգությունը։
 
— Հիմար մի մարդ կար, որը այսպես ասած՝ դաշնակիցս էր, գրողը տանի։ Փորձեց դրամս գողանալ։ Եվ գողացավ։
 
— Նա՞ էլ է անտեսանելի։
 
— Ո՛չ։
 
― Հետո՞...
 
— Ինձ մի քիչ էլ ուտելիք չե՞ք տա, նախքան այդ բոլորը պատմելս։ Անոթի եմ և թևս ցավում է։ Իսկ դուք ուզում եք՝ ամեն ինչ պատմեմ ձեզ։
 
Քեմփը վեր կացավ։
 
— Ուրեմն դուք երբեք չկրակեցի՞ք,— հարցրեց նա։
 
― Ո՛չ,— պատասխանեց այցելուն։— Պտտահաբար կրակեց մի հիմարի մեկը, որին ամբողջ կյանքումս չեմ տեսել։ Շատ վախեցողներ եղան։ Ամենքը վախենում են ինձնից։ Գրողի ծոցը գնան․․․ Լսե՛ք․․․ Ես էլի ուտել եմ ուզում, Քեմփ։
 
— Գնամ֊տեսնեմ՝ ներքևում ուտելու ուրիշ բան կա՞,— պատասխանեց Քեմփը։— Վախենում եմ՝ շատ քիչ բան կգտնեմ։
 
Ուտելը վերջացնելուց հետո, իսկ նա շատ երկար ճաշեց, Անտեսանելի Մարդը սիգար խնդրեց։ Նա կատաղորեն կծեց ծայրը, նախքան Քեմփը մի դանակ կգտներ և հայհոյեց, երբ երեսի տերևը քանդվեց։
 
Տարօրինակ էր տեսնել, ինչպես էր ծխում նա․ բերանն ու կոկորդը, սոսորդն ու ռունգները տեսանելի դարձան, իսկ և իսկ ծխե մի ոլորապտույտ ձուլվածք։
 
— Իսկական օրհնություն է ծխելը,— ասաց նա՝ ուժգին փնչացնելով,— բախտավոր եմ, որ ձեր դուռը ծեծեցի, Քեմփ։ Դուք պետք է օգնեք ինձ։ Եվ ասե՜լ, թե հենց այսպիսի ժամանակ ձեզ պատահեցի։ Սադայելա կան փորձանքի մեջ ընկա։ Ինձ թվում է՝ խելագարվել ՝ի։ Ինչե՜ր չեկան գլխիս։ Բայց հիմա մեր անելիքը կանենք։ Ես ձեզ բան եմ ասում...
 
Այցելուն նորից անուշ արեց վիսկին ու զելտերյան ջուրը։ Քեմփը վեր կացավ, շուրջը նայեց և հարևան սենյակից մի բաժակ բերեց իր համար։
 
― Այս բոլորն անհեթեթություն է․․․ Բայց կարծես ես էլ եմ խմել ուզում։
 
― Վերջին տասներկու տարում շատ չեք փոխվել, Քեմփ։ Դուք, խարտյաշներդ այդպես եք։ Առաջին ցնցումից հետո ձեր պաղարյունությունը գտնում եք ու որոշակի մեթոդով եք շարժվում։ Ես ձեզ բան եմ ասում, մենք միասին ենք աշխատելու։
 
— Բայց ինչպե՞ս գլուխ բերեցիք,— հարցրեց Քեմփը։― Ինչպե՞ս այսպիսին դարձաք։
 
― Աստծո սիրույն, թողեք հանգիստ ծխեմ։ Հետո կսկսեմ պատմել։
 
Բայց Անտեսանելի Մարդն այդ գիշեր ոչինչ չպատմեց։ Դաստակի ցավը սաստկացավ. տենդահար վիճակում էր և ուժասպառ․ մտքից չէր հեռանում սրարշավ վազքը և պանդոկի շուրջը մղած կռիվը։ Կցկտուր խոսում էր Մարվըլի մասին և ջղաձգորեն ծխում էր։ Ձայնը զայրացկոտ էր։ Քեմփը ճգնում էր նրա խոսքերից մի բան հասկանալ։
 
― Նա վախենում էր ինձնից։ Պարզ տեսնում էի, որ վախենում էր,— քանիցս կրկնեց Անտեսանելի Մարդը։— Խելքը֊միտքը ինձնից ծլկելն էր։ Միշտ դես ու դեն էր ընկնում։ Ո՜նց հիմարացրեց ինձ։ Լակո՛տը... Ես պետք է սպանեի նրան...
 
— Որտե՞ղից ճարեցիք դրամը,— հանկարծ հարցրեց Քեմփը։
 
Անտեսանելի Մարդը մի պահ լռեց։
 
― Այս գիշեր չեմ կարող ասել,— պատասխանեց նա։ Հանկարծ տնքաց ու թեքվեց, անտեսանելի գլուխր դնելով անտեսանելի ձեռքերի վրա։
 
― Քեմփ,— ասաց նա,— գրեթե երեք օր է՝ չեմ քնել. միայն երկու անգամ, մի ժամի չափ մրափել եմ։ Հենց հիմա պետք է քնեմ։
 
— Լա՛վ, վերցրե՛ք իմ սենյակը, հենց այս սենյակը։
 
― Բայց ինչպե՞ս կարող եմ քնել։ Եթե քնեմ, նա կփախչի։ Է՜խ․․․ Մեկ չէ՞ ինձ համար։
 
― Ինչացո՞ւ է այդ վերքը,— հարցրեց Քեմփը հանկարծ։
 
― Դատարկ բան է, չանգռվածքն արյունոտվում է։ Օ՜, տե՜ր աստված, ինչպես քնել եմ ուզում։
 
— Իսկ ինչո՞ւ չեք քնում։
 
Թվում էր՝ Անտեսանելի Մարդը Քեմփին էր դիտում։
 
― Որովհետև հատկապես դեմ եմ, որ մերձավորներս բռնեն ինձ,— ասաց նա դանդաղորեն։
 
Քեմփը վեր թռավ։
 
— Ի՜նչ հիմարն եմ,— բացականչեց Անտեսանելի Մարդը, ուժով խփելով սեղանին։— Ինքս ձեզ ներշնչեցի այդ միտքը։
== Գլուխ տասնութերորդ։ Անտեսանելի Մարդը քնում է ==
 
Թեև Անտեսանելի Մարդը ուժասպառ և վիրավոր էր, չվստահեց Քեմփի խոսքին, թե իր ազատության դեմ ոչ մի ոտնձգություն չի արվի։ Նա զննեց ննջասենյակի երկու պատուհանները, բարձրացրեց վարագույրները և փեղկերը բաց արեց, ստուգելու համար Քեմփի հավաստիացումը, թե հնարավոր կլինի այդտեղով փախչել։ Դրսում գիշերը շատ անդորր էր ու խաղաղ, և նորածին լուսինը բլուրների վրա մայր էր մտնում։ Ապա նա զննեց ննջասենյակի, բաղնիքի և զուգարանի կողպեքները, վստահ լինելու համար, թե դրանք էլ կարող են երաշխավորել իր ազատությունը։ Ի վերջո հայտարարեց, թե բավարարված է ու կանգնեց բուխարիի առաջ փռված գորգի վրա։ Քեմփը լսեց նրա հորանջելու ձայնը։
 
― Շատ եմ ցավում,— ասաց Անտեսանելի Մարդը,— որ այս գիշեր չեմ կարող պատմել ձեզ իմ բոլոր արածները։ Դե ես ուժից ընկել եմ։ Անկասկած՝ սա անհեթեթ է, ահավոր։ Բայց հավատացե՛ք ինձ, Քե՛մփ, միանգամայն հնարավոր է։ Ես մի գյուտ արեցի։ Ուզում էի գաղտնի պահել։ Բայց չեմ կարող։ Ինձ օգնական է պետք։ Իսկ դո՜ւք... Ինչե՜ր չենք կարող անել երկուսս միասին․․․ Բայց վաղվան թողնենք։ Իսկ հիմա, Քե՛մփ, ինձ թվում է՝ եթե չքնեմ, կմեռնեմ։
 
Սենյակի մեջտեղը կանգնած՝ Քեմփը դիտում էր անգլուխ ցայգազգեստը։
 
— Ուրեմն ձեզ մենակ եմ թողնում,— ասաց նա։— Անհավատալի բան է։ Տեսակետներս տակնուվրա անող այսպիսի երեք իրադարձություն բավական է, որ գժվեմ։ Բայց ահա իրողություն է սա։ Որևէ ուրիշ բանի կարիք ունե՞ք։
 
― Միայն ինձ բարի գիշեր մաղթեցե՛ք։
 
— Բարի գիշեր,— ասաց Քեմփը և սեղմեց անտեսանելի ձեռքը։ Ապա կողքանց՝ դեպի դուռն ուղղվեց։ Հանկարծ ցայգազգեստը արագորեն նրան մոտեցավ։
 
— Հասկացե՛ք,— ասաց նա։— Ինձ խանգարելու կամ էլ ձերբակալելու ո՛չ մի փորձ, թե չէ․․․
 
Քեմփի դեմքը մի քիչ փոխվեց։
 
— Կարծեմ ձեզ խոսք տվի,— ասաց նա։
 
Դուռը ետևից մեղմորեն փակեց Քեմփը, և բանալին իսկույն չրխկաց։ Հետո, մինչ կանգնել էր հլու զարմանքի արտահայտությամբ, արագ ոտնաձայներ մոտեցան բաղնիքի դռանը, և այդ էլ կողպվեց։ Քեմփը ձեռքը ճակատին խփեց։
 
— Արդյոք երազ չե՞մ տեսնում։ Ամբողջ աշխա՞րհն է գժվել, թե ես...
 
Նա ծիծաղեց ու ձեռքով դիպավ կողպված դռանը։
 
― Ես վտարվեցի իմ ոեփական ննջասենյակից... Ա՜յ քեզ աղաղակող այլանդակություն,— մրթմրթաց նա։
 
Ապա քայլեց մինչև աստիճանների գլուխը և ակնապիշ նայեց կողպված դռներին։
 
— Բայց սա փաստ է,— ասաց նա և մատները տարավ թեթևորեն կապտած վզին։— Անհերքելի փաստ է։ Բայց․․․
 
Քեմփը հուսահատորեն օրորեց գլուխը, շուռ եկավ և աստիճաններով ցած իջավ։
 
Նա վառեց ճաշասենյակի ճրագը, մի սիգար առավ և սկսեց բացականչություններ արձակելով չափչփել սենյակը։ Մերթ ընդ մերթ վիճում էր ինքն իր հետ։
 
― Անտեսանելի՜...— Գոչեց նա։— Կա՞ անտեսանելի կենդանի ասված բան։ Ծովո՞ւմ՝ այո՛։ Հազարներով, միլիոններով։ Բոլոր թրթուրները, մանրիկ նավիլները, տորնարիները, բոլոր միկրոօրգանիզմները և մեդուզաները։ Ծովում շատ ավելի անտեսանելի բան կա, քան տեսանելի։ Մինչև հիմա երբեք չէի մտածել այս մասին։ Իսկ լճակներում ապրող այդ բոլոր մանրիկ օրգանիզմները... կողինջի անգույն, թափանցիկ բծերը․․․ Իսկ օդո՞ւմ... Ո՛չ․․․
 
― Դա անհնարին է։
 
― Բայց վերջ ի վերջո ինչո՞ւ։
 
― Թեկուզ մարդ ապակուց շինված լիներ, էլի տեսանելի կլիներ։
 
Քեմփը խոր մտորումներով տարվեց։ Երեք սիգարների զանգվածը հօդս էր ցնդել կամ էլ որպես սպիտակ մոխիր թափթփվել էր կարպետի վրա, նախքան նա նորից կխոսեր ինքն իրեն։ Իսկ դա սոսկ բացականչություն էր։ Ապա շրջվեց, սենյակից դուրս եկավ, իր փոքրիկ ընդունարանը գնաց և այնտեղ վառեց գազը։ Փոքրիկ մի սենյակ էր դա, որովհետև բժիշկ Քեմփի ապրուստի աղբյուրը պրակտիկան չէր։ Այնտեղ էին օրվա թերթերը։ Առավոտյան թերթը անփութորեն բացված ու մի կողմ էր նետված։ Նա խլեց լրագիրը, էջը շուռ տվեց ու կարդաց․ «Արտասովոր դեպքեր Այպինգում» — մի թղթակցություն, որ Փորթ֊Սթոում նավաստին չարչարվելով գիրկապ էր արել Մարվըլի համար։ Քեմփը շտապ կարդաց այն։
 
― Փաթաթվե՜լ էր,— բացականչեց Քեմփը։― Ծպտվե՜լ էր։ Թաքցնո՜ւմ էր գաղտնիքը։ «Ըստ երևույթին ոչ ոք իրազեկ չի եղել նրա դժբախտությանը»։ Գրողը տանի, նրա մտքինն ի՞նչ է։
 
Բժիշկը ցած գցեց թերթը և աչքերը չորս կողմը պտտեցրեց։
 
― Ահա՛,— գոչեց նա ու խլեց «Սեյնթ֊Ջեյմզ գազեթ»֊ը, որ դեռ չէր բացվել։— Հիմա կիմանանք եղելությունը։— Նա պատռեց-բացեց թերթը։ Երկու սյունակներ զարնվեցին աչքին։ «Սասեքսում ամբողջ մի գյուղ խելագարվում է» ասում էր վերնագիրը։— Ողորմա՜ծ տեր,— բացականչեց Քեմփը անհագորեն կարդալով նախորդ հետմիջօրեին Այպինգում տեղի ունեցած դեպքերի թերահավատ նկարագրականը, ինչպես արդեն պատմվեց նախընթաց գլուխնեբում։ Այնտեղ արտատպված էր նաև առավոտյան թերթի լուրը։
 
Քեմփը նորից կարդաց այն.
 
«Աջ ու ձախ հարվածելով վազում էր փողոցներով։ Ջեֆըրզը՝ ուշագնաց։ Պարոն Հաքսթըրը տառապում է ցավից, դեռևս չի կարող պատմել տեսածները։ Երեցի կրած ծանր նվաստացումը։ Կինը սարսափից հիվանդացել է։ Պատուհանները ջարդուփշուր են արվում։ Գուցե հերյուրանք է այս արտասովոր պատմությունը, բայց այնքան լավն է, որ չի կարելի չտպել cum grano...
 
Քեմփը ցած գցեց թերթը և բութ աչքերով դիմացը նայեց։
 
― Գուցե հերյուրանք է,— մռլտաց նա։
 
Ապա դարձյալ խլեց լրագիրը ու կրկին կարդաց ամբողջ պատմությունը։
 
― Բայց այստեղ ի՛նչ գործ ունի թափառաշրջիկը։ Գրո՛ղը տանի, ինչո՞ւ էր հալածում թափառաշրջիկին։
 
Բժիշկը վհատ նայեց վիրաբուժական օթոցին։
 
— Ոչ միայն անտեսանելի է,— ասաց Քեմփը,— այլև խելագա՛ր է։ Մարդասպանության մոլուցք ունի։
 
Երբ արշալույսն եկավ իր դալկությունը խառնելու ճաշասենյակի գազի լույսին և սիգարի ծխին, Քեմփը դեռ չափչփում էր սենյակը, աշխաաելով հասկանալ անըմբռնելին։
 
Նա այնպես ալեկոծված էր, որ քնել չէր կարող։
 
Երբ ծառաները առավոտյան քնաթաթախ ցած իջնելով նրան գտան այդ վիճակում, մտածեցին, թե տքնաջան պարապմունքների՝ իր գլխին խաղացած խաղն է դա։ Նա արտասովոր, բայց պարզ ու հստակ մի ցուցում տվեց, որ վերնահարկի աշխատասենյակում նախաճաշի սեղան բացեն երկու հոգու համար, իսկ հետո, նկուղային հարկից կամ էլ գետնահարկից վեր չբարձրանան։ Ապա շարունակեց չափչփել ճաշասենյակը մինչև առավոտյան թերթերի սաացվելը։ Նրանք շատ էին խոսում, բայց ոչինչ չէին ասում․ միայն հաստատում էին երեկոյան դեպքերը և շատ վատ գրված մի նկարագրական էին հրամցնում Փորթ Բարդոքում տեղի ունեցած մի ուրիշ անցքի շուրջ։ Այսպիսով Քեմփը իրազեկ դարձավ, թե վերջ ի վերջո ինչ էր կատարվել «Ուրախ կրիկետիստներ» պանդոկում և հանդիպնց Մարվըլի անվանը։ «Նա ինձ ստիպեց ամբողջ քսանչորս ժամ իր մոտ մնալ» — հայտարարում էր Մարվըլը։ Ինչ֊որ մանրամասնություններ էին ավելացվել Այպինգի պատմությանը, հատկապես գյուղի հեռագրալարերի կտրատվելու փաստը։ Բայց այնտեղ չկար որևէ ուրիշ փաստ, որ լույս սփռեր Անտեսանելի Մարդու և թափառաշրջիկի փոխհարաբերություննհրի վրա, քանի որ պարոն Մարվըլը ոչ մի տեղեկություն չէր հաղորդել երեք գրքերի կամ էլ այն դրամի մասին, որով բեռնավորված էր։ Թերահավատ շեշտը չքացել էր և թղթակիցների ու հետաքրքրվողների մի ամբողջ բանակ, արդեն իսկ աշխատանքի էր անցել խնդիրը լուսաբանելու համար։
 
Քեմփը կարդաց թղթակցությունների մինչև վերջին տողը և աղախնին ուղարկեց, որ բերի ձեռքն անցնող բոլոր առավոտյան թերթերը։ Եվ դրանք էլ կլանեց։
 
— Նա անտեսանելի է,— ասաց Քեմփը։— Եվ մարդիկ այս բոլորը կարդում են այնպիսի մի անհագությամբ, որը հետզհետե մոլեգնության է վերածվում։ Ինչե՜ր չի կարող անել նա․․․ Ինչե՜ր չի կարող անել․․․ Եվ մտածել, որ հիմա վերնահարկումն է, ազատ ինչպես քամին։ Վերջ ի վերջո ի՞նչ պետք է անեմ ես։ Օրինակի համար, արդյոք խոսքս դրժա՞ծ կլինեմ, եթե... Բայց ո՛չ․․․
 
Նա մոտեցավ անկյունում գտնվող փոքրիկ, թափթփված գրասեղանին և սկսեց մի երկտող գրել։ Կեսին չհասաձ՝ պատռեց և մի ուրիշը գրեց։ Կարդաց երկտողը և մտածեց։ Ապա մի ծրար վերցրեց ու հասցեն գրեց․ — «Գնդապետ Էդայ, Փորթ Բարդոք»։
 
Անտեսանելի Մարդն արթնացավ հենց այն պահին, երբ Քեմփը երկտողով էր զբաղված․ արթնացավ վատ տրամադրությամբ, և Քեմփը, որ ականջը լայն բաց էր արել ամեն մի ձայնի համար, լսեց, թե ինչպես հանկարծ վերնահարկի ննջասենյակի մի ծայրից մյուսը կատաղորեն դոփեցին նրա ոտքերը։ Հետո մի աթոռ դեն շպրտվեց, և լվացարանի բաժակը ջարդուփշուր արվեց։ Քեմփը շտապ վերև բարձրացավ և անհամբեր բախեց ննջասենյակի դուռը։
== Գլուխ տասնիններորդ։ Մի քանի հիմնական սկզբունքներ ==
 
— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Քեմփը, երբ Անտեսանելի Մարդը ներս ընդունեց նրան։
 
— Ո՛չ մի բան,— եղավ պատասխանը։
 
— Բայց, գրողը տանի, այդ ի՞նչ աղմուկ էր։
 
— Ջղայնության նոպա էր,— ասաց Անտեսանելի Մարդը։— Մոռացա թևիս վիճակը։ Շա՛տ է ցավում։
 
― Երևի այդպիսի բռնկումների հակամետ եք։
 
― Այո՛։
 
Քեմփը առաջ անցավ ու հավաքեց բաժակի կտորտանքները։
 
― Ձեզ վերաբերող բոլոր փաստերն իմացվել են,— ասաց նա, կոտրած բաժակը ձեռքում ուղղվելով։— Այն ամենն ինչ պատահեց Այպինգում և բլուրն ի վար։ Արար աշխարհ իմացավ իր անտեսանելի քաղաքացու մասին։ Բայց ոչ ոք չգիտե, թե այստեղ եք դուք։
 
Անտեսանելի Մարդը հայհոյեց։
 
― Գաղտնիքը բացվեց,— շարունակեց Քեմփը։— Ենթադրում եմ՝ դա գաղտնիք էր։ Չգիտեմ՝ ինչ եք ծրագրում անել, բայց իհարկե ես ուզում եմ օգնել ձեզ։
 
Անտեսանելի Մարդը նստեց մահճակալին։
 
— Վերնահարկում նախաճաշը պատրաստ է,— ասաց Քեմփը, աշխատելով անբռնազբոս շեշտ տալ ձայնին և շատ ուրախացավ, երբ արտասովոր հյուրը հոժարակամ վեր կացավ։ Քեմփը նեղ սանդուղքով նրան առաջնորդեց վերնահարկ։
 
— Նախքան որևէ բան կձեռնարկենք,— ասաց Քեմփը,— պետք է մի քիչ ավելին իմանամ ձեր այս անտեսանելիության մասին։— Լուսամուտից դուրս անհանգիստ մի նայվածք նետելուց հետո, Քեմփը նստեց, ընդունելով զրույցի անսպառ նյութ ունեցող մարդու տեսք։ Այս ամբողջ գործի անհեթեթության մասին կասկածները դարձյալ առկայծեgին ու հանգան, հենց որ նայեց այնտեղ, ուր նստել էր Գրիֆինը նախաճաշի սեղանին — անգլուխ, անձեռք մի ցայգազգեստ, որ օդի մեջ պահված անձեռոցիկով սրբում էր անտեսանելի շրթունքները։
 
― Շատ պարզ ու շատ էլ հավատալի է,— ասաց Գրիֆինը անձեռոցիկը մի կողմ դնելով և անտեսանելի գլուխը հենելով անտեսանելի ձեռքին։
 
― Ձեզ համար, իհարկե, բայց․․․— Քեմփը ծիծաղեց։
 
― Ա՜խ, այո՛․․․ Ինչ խոսք, որ սկզբում ինձ էլ հրաշալի էր թվում։ Իսկ հիմա, ողորմա՜ծ տեր․․․ Բայց մենք դեռևս մեծ գործեր կտեսնենք։ Այս միտքն առաջին անգամ ուղեղումս ծագեց Չեսիլսթոո՞ւմ։
 
― Չեսիլսթոո՞ւմ։
 
― Լոնդոնից հեռանալուց՝ այնտեղ գնացի։ Անշուշտ գիտեք որ բժշկությունը թողեցի և ֆիզիկայով զբաղվեցի։ Չիտե՞ք։ Այդպես ուրեմն, ֆիզիկայով զբաղվեցի։ Լույսի առեղծվածը գրավում էր ինձ։
 
— Ա՜․․․
 
— Տեսողական անթափանցելիությո՜ւն․․․ Այս ամբողջ խնդիրր անընդմեջ առեղծվածների մի ցանց է, շատ խուսափուկ առկայծող լուծումների ցանց։ Եվ քանի որ միայն քսաներկու տարեկան էի և համակ եռանդ, ինքս ինձ ասացի. «Այս հարցին եմ նվիրելու կյանքս։ Արժե սրանով զբաղվել»։ Գուք գիտեք՝ մարդ ինչ հիմարն է լինում քսաներկու տարեկան հասակում։
 
— Մարդ այդ հասակում էլ է հիմար, տարեց հասակում էլ։
 
― Իբրև թե գիտությունը կարող է որևէ բավարարություն տալ մարդկանց։
 
― Բայց ես գործի լծվեցի ինչպես մի խափշիկ։ Հազիվ վեց ամիս աշխատել էի ու մտածել այս հարցի մասին, և ահա օղակներից մեկի միջով ծագեց մի լույս — բոլորովին անակնկալ ու կուրացուցիչ։ Ես մի ընդհանուր սկզբունք գտա գունանյութերի և լույսի բեկման համար — մի բանաձև, երկրաչափական մի արտահայտություն, որն ընդգրկում էր չորս չափերը։ Հիմարներ, սովորական մարդիկ, մինչև իսկ մաթեմատիկոսները ո՛չ մի գաղափար չունեն, թե մոլեկուլային ֆիզիկան ուսումնասիրողի համար ինչ նշանակություն կարող է ունենալ որևէ ընդհանուր արտահայտություն։ Իմ գրքերում, այղ թափառաշրջիկի թաքցրած գրքերում, հրաշալիքներ կան, կախարդական թվեր։ Բայց այդ բոլորը դեռևս մեթոդ չէր, այլ գաղափար էր, որը կարող էր հանգել մեթոդի, որով հնարավոր կլիներ առանց նյութի հատկությունները փոխելու (որոշ դեպքերում բացի գույներից), պինդ թե հեղուկ նյութերի բեկման գործակիցը փաստորեն իջեցնել օդի բեկման գործակցի աստիճանին։
 
― Թո՜ւ,— բացականչեց Քեմփը։— Արտասովոր բան է։ Բայց ինձ համար էլի լրիվ պարզ չէ․ հասկանում եմ՝ այդ եղանակով կկարողանաք փչացնել թանկարժեք մի քար, բայց դա մարդուն անտեսանելի դարձնելուց շատ հեռու է։
 
― Անպայմա՛ն,— պատասխանեց Գրիֆինը,— բայց նկատի ունեցեք, որ տեսանելիությունը կախված է տեսանելի մարմինների լույսի վրա ունեցած հակազդեցությունից։ Մի մարմին կա՛մ կլանում է լույսը, կա՛մ արտացոլում, կա՛մ էլ բեկում է, և կամ գուցե այդ բոլորը՝ միասին։ Եթե ո՛չ արտացոլում է, ո՛չ բեկում, ո՛չ էլ կլանում է լույսը, ապա ինքնըստինքյան չի կարող տեսանելի լինել։ Օրինակի համար, դուք կտեսնեք մի անթափանց կարմիր տուփ, որովհետև գույնը կլանում է լույսի մի մասը և ձեզ է արտացոլում մնացածը, իմա՝ բոլոր կարմիր ճառագայթները։ Եթե տուփը չկլաներ լույսի այս կամ այն մասը, այլ ամբողջովին արտացոլեր այն, փայլուն ու սպիտակ մի տուփ կլիներ։ Ինչպես արծաթը․․․ Ադամանդե տուփը շատ լույս չէր կլանի, մակերեսն էլ քիչ լույս կարտացոլեր, բայց առանձին տեղերում, երբ մակերեսը նպաստավոր է, լույսը կարտացոլվեր կամ կբեկվեր, այնպես որ դուք կտեսնեիք առկայծող արտացոլումների և լուսանցումների շողշողուն մի երևույթ — մի տեսակ լույսի կմախք։. Հասկանալի՞ է։ Որոշ կետերից դիտելիս՝ դա ձեզ համար բոլորովին թափանցիկ կլիներ։ Ապակու որոշ տեսակներ ավելի տեսանելի են, քան ուրիշները։ Բյուրեղապակե տուփը ավելի փայլուն կլիներ, քան պատուհանի սովորական ապակե տուփը։ Շատ բարակ, հասուրակ ապակե մի տուփ՝ դժվար կտեսնվեր վատ լուսավորության տակ, որովհետ և գրեթե ոչ մի ճառագայթ չէր կլանի և շատ քիչ լույս կբեկեր ու կարտացոլեր։ Իսկ եթե հասարակ սպիտակ ապակու մի կտոր դնեք ջրի կամ ջրից ավելի խիտ հեղուկի մեջ, համարյա բոլորովին կանհետանա, որովհետև ջրից ապակուն անցնող լույսը շատ թեթևորեն բեկվում է կամ էլ արտացոլվում և կամ գրեթե ոչ մի հակազդեցություն չի կրում։ Նման պայմաններում ապակին նույնքան անտեսանելի է, որքան ածխաթթվային գազի հոսանքը կամ ջրածինը օդում։ Եվ հենց նույն պատճառով։
 
― Այո՛,— հարեց Քեմփը,— այդ բոլորից գլուխ հանելը հեշտ է։
 
― Բայց ահա մի ուրիշ փաստ, որ չեք կարող չընդունել։ Եթե ապակու կտորը փշրվի, փոշի դարձվի, շատ ավելի տեսանելի կդառնա, քան երբ օդում է. ի վերջո անթափանց սպիտակ փոշի է դառնում։ Դա այդպես է, որովհետև փոշու վերածվելով բազմապատկվում է ապակու մակերեսը, որ բեկում է և արտացոլում լույսը։ Ապակու կտորը միայն երկու մակերես ունի, իսկ երբ փոշու է վերածվել, լույսը արտացոլվում կամ բեկվում է ամեն մի հատիկի կողմից, որի միջով անցնում է, իսկ շատ քիչ լույս է անցնում փոշու միջով։ Բայց եթե սպիտակ փոշի դարձված ապակին ջրի մեջ թափվի, իսկույն կանհետանա։ Փոշի դարձվածապակին և ջուրը բեկման գրեթե նույն գործակիցն ունեն․ այսինքն, լույսը մի նյութից մյուսին անցնելիս՝ շատ քիչ արտացոլման և բեկման է ենթարկվում։
 
Բեկման մոտավորապես նույն գործակիցն ունեցող որևէ հեղուկի մեջ դնելով անտեսանելի եք դարձնում ապակին. որևէ թափանցիկ իր անտեսանելի է դառնում, երբ դրվում է բեկման համարյա նույն գործակիցն ունեցող միջավայրում։ Հերիք է մի քիչ մտածեք, ղուք էլ կհասկանաք, որ կարելի է օդում անտելանելի դարձնել ապակու փոշին, եթե դրա մեջ լույսի բեկման գործակիցը հավասարեցվի օդի մեջ լույսի բեկման գործակցին, որովհետև այդ դեպքում լույսի՝ ապակուց օդի մեջ անցնելու պահին ո՛չ բեկում տեղի կունենա, ո՛չ էլ արտացոլում։
 
― Ճի՛շտ է, ճի՛շտ է,— հարեց Քեմփը,— բայց չէ՞ որ մարդ ասածդ ապակու փոշի չէ։
 
— Ոչ,— պատասխանեց Գրիֆինը։— Ավելի թափանցիկ է։
 
— Դատարկ խոսք։
 
― Եվ այդ ասողը բժի՞շկ է։ Ինչպե՞ս է մարդ մոռանում, Տասը տարում մոռացա՞ք ձեր սովորած ֆիզիկան։ Մտածեցե՛ք միայն, ինչքան բաներ թափանցիկ են, բայց թվում է, թե չեն։ Օրինակի համար, թուղթը պատրաստվում է թափանցիկ մանրաթելերից և սպիտակ ու անթափանց է միմիայն այն պատճառով, որ սպիտակ ու անթափանց է ապակու փոշին։ Սպիտակ թուղթը յուղոտեցեք, մասնիկների արանքները լցրեք յուղով, այնպես որ այլևս բեկում կամ արտացոլում տեղի չոմնենա, բացի մակերեսներում, և ահա ապակու պես թափանցիկ կդառնա։ Եվ ոչ միայն թուղթը, այլև բամբակի մանրաթելը, վուշի մանրաթելը, բրդի մանրաթելը, փայտի մանրաթելը և ոսկորը, Քեմփ, միսը, Քեմփ, մազը, Քեմփ, եղունգները, Քեմփ, և ներվերը, Քեմփ։ Փաստորեն մարդու ամբողջ կառուցվածքը թափանցիկ անգույն հյուսվածքից է, բացի արյան կարմրից և մազի սև գունանյութից։ Մեզ իրարու տեսանելի դարձնելու համար շատ քիչ բան է հարկավոր։ Ընդհանուր առմամբ, կենդանի էակի հյուսվածքները ավելի անթափանց չեն, քան ջուրը։
 
― Աստվա՜ծ իմ․․․— բացականչեց Քեմփը։— Դե իհարկե, իհարկե․․․ Հենց երեկ գիշեր մտածում էի ծովային թրթուրների և մեդուզաների մասին։
 
― Հիմա հասկացա՞ք ինձ։ Այդ բոլորը գիտեի և նկատի ունեի Լոնդոնից իմ հեռանալուց մի տարի անց, այսինքն՝ սրանից վեց տարի առաջ։ Բայց գիտցածս ինձ պահեցի։ Ստիպված էի աշխատել ահռելիորեն ծանր պայմաններում։ Օլիվըրը՝ պրոֆեսորս, գիտության մեջ շատ ռամիկ էր, ի բնե լրագրող, ուրիշների հղացած մտքերի գող։ Միշտ լրտեսում էր։ Իսկ դուք գիտեք, թե խարդավանքների ինչպիսի մի սիստեմ է գիտական աշխարհը։ Պարզապես չէի ուզում հրապարակել հայտնագործությունս և թույլ տալ, որ նա իր բաժինը վերցներ իմ սեփական փառք ու պատվից։ Շարունակեցի աշխատել։ Հետըզհետե մոտենում էի իմ տեսական բանաձևերի փորձարկմանը, ավելի ճիշտ՝ իրականացմանը։ Ոչ ոքի ոչինչ չէի ասում, որովհետև ուզում էի աշխատանքս աշխարհով մեկ փայլատակեր շլացուցիչ ազդեցությամբ, ուզում էի՝ մի հարվածով հռչակավոր դառնալ։ Ես զբաղվեցի գունանյութերի հարցով, լրացնելու համար մի քանի բացեր։ Եվ հանկարծ, բոլորովին պատահաբար, ֆիզիոլոգիայի բնագավառում մի հայտնագործություն արեցի։
 
— Այո՞։
 
― Գիտե՞ք արյան գույն տվող կարմիր նյութը։ Դա կարելի է սպիտակ դարձնել, պահպանելով բոլոր հատկությունները։
 
Քեմփը զարմացական մի բացականչություն արձակեց։
 
Անտեսանելի Մարդը վեր կացավ և սկսեց չափչփել սենյակը։
 
― Ձեր բացականչությունը տեղին է։ Հիշում եմ այդ օրը։ Ուշ գիշեր էր։ Ցերեկը գլուխս տարել էին բերանբաց, տխմար ուսանողները։ Այդ օրերին հաճախ մինչև արշալույս աշխատում էի։ Եվ ահա հանկարծ գյուտը շքեղ ու ավարտուն՝ գլխումս ծագեց։ Ես մենակ էի․ լաբորատորիայում լռություն էր տիրում. բարձրադիր ճրագները վառվում էին լուռ ու պայծառ։ Իմ կյանքի կարևոր պահերին միշտ էլ մենակ եմ եղել։ «Մարդ կարող է թափանցիկ դարձնել որևէ կենդանի, որևէ հյուսվածք։ Կարող է անտեսանելի դարձնել այն։ Ամեն ինչ, բացի գունանյութերից։ Ինքս էլ կարող եմ անտեսանելի դառնալ»,— ասացի ես, հանկարծ գլխի ընկնելով, թե ալբինոսի համար ինչ նշանակություն կարող է ունենալ այդպիսի մի գիտելիքի տիրապետելը։ Դա շշմեցրեց ինձ։ Կիսատ թողեցի ֆիլտրացիան, որով զբաղված էի և բարձր պատուհանին մոտենալով սկսեցի աստղերը դիտել։ «Կարող եմ անտեսանելի դառնա՞լ»,— կրկնում էի ես։
 
Այդ իրագործելը կախարդությանը տալ֊անցնել կնշանակեր։ Եվ ես, ամեն մի կասկածից զերծ՝ տեսա հիասքանչ մի տեսիլք, թե մարդուն ինչե՜ր չէր տա անտեսանելիությունը — և՛ խորհրդավորություն, և՛ հզորություն, և՛ ազատություն։ Իսկ ոչ մի անպատեհություն չէի տեսնում։ Մտածեցե՛ք միայն․․․ Եվ ես՝ խեղճուկրակ, չքավոր, մի անկյուն նետված ասիստենտս, որ գավառական կոլեջում տխմարներին դասավանդելով էի զբաղված, կարող էի հանկարծ այսպիսին դառնալ։ Ձեզ հարց եմ տալիս, Քեմվ։ եթե ''դուք''... Որևէ մեկը, ահա ես ասում եմ ձեզ, ոգի ի բռին կփարվեր այս հայտնագործությանը։ Երեք տարի աշխատեցի և լեռնակուտակ ամեն մի դժվարություն, որ նվաճում էի, իր գագաթից մի ուրիշն էր ցույց տալիս ինձ։ Ինչպիսի անհատնում մանրամասնություններ... Եվ հետո մոլեգնության հասնող ջղայնություն... Մի պրոֆեսոր, գավառացի պրոֆեսոր, որ անընդհատ լրտեսում է քեզ։ «Վերջ ի վերջո ե՞րբ եք հրատարակելու ձեր այդ աշխատությունը»,― հարց էր տալիս նա առանց դուլ ու դադարի։ Իսկ ուսանողնե՜րը, անձուկ պայմաննե՜րը․․․ Ամբողջ երեք տարի այդ էր իմ կյանքը։ Երեք տարվա գաղտնապահությունից և մոլեգնության հասնող ջղայնությունից հետո, տեսա, որ գործս գլուխ բերելն անհնար էր, անհնար․․․
 
— Ինչո՞ւ,— հարցրեց Քեմփը։
 
— Դրա՛մ..․— պատասխանեց Անտեսանելի Մարդը և նորից լուսամուտին մոտենալով սկսեց տեսարանը դիտել։
 
Նա հանկարծ շուռ եկավ։
 
― Եվ ես կողոպտեցի իմ ծերուկին, կողոպտեցի իմ հորը։ Դրամը իրենը չէր, և նա խփեց ինքն իրեն։
== Գլուխ քսաներորդ։ Գրեյթ֊Փորթլենդ֊սթրիթի տանը ==
 
Մի պահ Քեմփը լուռ նստեց, սևեռուն նայելով լուսամուտի առաջ կանգնած անգլուխ կերպարանքի թիկունքին։ Ապա ցնցվեց, հանկարծակիի գալով ինչ֊որ մտքից, վեր կացավ, Անտեսանելի Մարդու թևը բռնեց ու հեռացրեց տեսարանի առջևից։
 
― Դուք հոգնած եք,— ասաց Քեմփը։― Ես նստել եմ, դուք էլ ման եք գալիս։ Վերցրե՛ք իմ բազկաթոռը։
 
Իսկ ինքը տեղավորվեց Գրիֆինի և ամենամոտ պատուհանի միջև։
 
Գրիֆինը մի քիչ լուռ մնաց, ապա հանկարծ շարունակեց.
 
― Երբ այդ պատահեց,— ասաց նա,— ես արդեն հեռացել էի Չեսիլսթոուի տնակից։ Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին էր։ Լոնդոնում մի սենյակ վերցրի — ընդարձակ, չկահավորված մի սենյակ, խոշոր, երեսի վրա թողնված մի բնակարանում, որը գտնվում էր Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթի մոտակա խուլ անկյուններից մեկում։ Սենյակը շուտով լցվեց հորս դրամով գնված ապարատներով։ Աշխատանքս առաջ էր գնում անխափան ու հաջողակ և մոտենում էր նպատակին։ Ես նման էի մի մարդու, որը խուլ թավուտից դուրս գալով հանկարծ անհասկանալի մի ողբերգության է հանդիպում։ Գնացի թաղելու հորս։ Միտքս տակավին կլանված էր իմ հետազոտությամբ, և ես մատս մատիս չխփեցի, փրկելու համար նրա համբավը։ Հիշում եմ հուղարկավորությունը, էժանագին դիակառքը, խեղճուկրակ արարողությունը, բուք ու բորանի մեջ կորած բլրալանջը և հորս կոլեջական վաղեմի ընկերը, որ վերջին ծեսը կատարեց — թափթփված, սևացած ու կորաքամակ մի ծերունի, որ հարբուխից էր տառապում։
 
Հիշում եմ՝ քայլելով, դատարկ տունը վերադարձա, կտրել-անցնելով այն բնակավայրը, որ ժամանակին գյուղ էր եղել և այժմ փինաչիների գցած կարկատաններով և խարխուլ շինություններով քաղաքանման մի այլանդակություն էր դարձել։ Բոլոր կողմերից ճանապարհները ի վերջո տանում էին դեպի ապականված դաշտերը և կանգ էին առնում խճաքարերի կույտերի և մոլախոտերի թաց թփուտների առաջ։ Հիշում եմ՝ ինչպես մռայլ ու սև կերպարանքով քայլում էի լպրծուն ու փայլուն մայթի վրա և ինձ որքան խորթացած էի զգում այս ավանի բնակիչների ողորմելի պատվասիրության և գծուծ չարչիության հանդեպ։
 
Երբեք չէի ափսոսում հորս մահվան համար։ Նա ինձ թվում էր իր հիմար դյուրազգացության զոհը։ Մեր կեղծավոր բարքերը պահանջում էին, որ մասնակցեի նրա հուղարկավորության, բայց իրականության մեջ դա ինձ չէր հետաքրքրում։
 
Բայց Հայ֊Սթրիթով անցնելիս, մի պահ ինձ վերադարձավ հին կյանքս, որովհետև պատահեցի այն աղջկան, որին ճանաչել էի տասը տարի առաջ։ Մեր աչքերն իրտր հանդիպեցին։
 
Ինչ֊որ բան ինձ մղեց, ետ դառնալ ու խոսել հետը։ Նա մի սովորական ադջիկ էր։
 
Իմ ծննդավայրին տված այցելությունս երազի էր նման։ Այդ ժամանակ չէի զգում, թե միայնակ էի, կենդանի աշխարհից ընկել էի ամայի մի վայր։ Գիտակցում էի, թե կորցրել էի հետաքրքրությունս իմ շրջապատ ի հանդեպ, բայց այդ վերագրում էի կյանքի ընդհանուր ունայնության։ Երբ սենյակս վերադարձա, ինձ թվաց, թե վերագտա իմ կորցրած իրականությունը։ Այնտեղ էին այն ամենը ինչ գիտեի և սիրում էի։ Այնտեղ էին իմ ապարատները, իմ պատրաստած փորձարկումները և ինձ էին սպասում։ Մի քանի մանրուքներից բացի, գրեթե ոչ մի դժվարություն չէր մնացել։
 
Վաղ, թե ուշ, Քեմփ, ձեզ կնկարադրեմ այս բոլոր ամենաբարդ պրոցեսները։ Հիմա մանրամասնությունների մեջ մտնելու կտրիք չկա։ Մեծ մասամբ, բացի մի քանի կետերից, որ նախ ընտրում եմ անգիր հիշել, ամեն ինչ ծածկագրով նշված է թափառաշրջիկի թաքցրած այդ գրքերում։ Մենք պետք է որսանք նրան։ Պետք է նորից ձեռք գցենք այդ գրքերը։ Բայց գլխավոր խնդիրը թափանցիկ առարկան էր, որի բեկման գործակիցը պետք էր իջեցնել մի ատեսակ եթերային տատանումներ ճառագայթող երկու կենտրոնների միջև։ Այդ մասին հետո կպատմեմ ձեզ։ Ո՛չ, ռենտգենյան տատանումների մասին չէ խոսքը։ Չգիտեմ, երբևիցե որևէ մեկը նկարագրե՞լ է իմ ասած տատանումները։ Բայց դրանք բացահայտ են։ Ես գործածեցի երկու փոքրիկ դինամո մեքենաներ, որոնք աշխատեցրի գազային շարժիչով։ Առաջին փորձս կատարեցի բրդյա սպիտակ կերպասի կտորի վրա։ Ինչքան տարօրինակ էր այն տեսնել առկայծումների և բռնկումների մեջ փափուկ ու սպիտակ, ապա դիտել աղոտանալը ծխի ծվենի պես և ի վերջո չքանալը։
 
Հավատալս չէր գալիս, թե ես արդեն արել էի այդ։ Ձեռքս երկարեցի դատարկության մեջ, և ահա այնտեղ էր լաթը, ավելի պինդ քան սրբեք։ Մի տեսակ անհանգիստ՝ շոշափեցի, հետո հատակին նետեցի։ Մի քիչ դժվար եղավ մեկ էլ գտնելը։
 
Հետո հետաքրքրական մի փորձ կատարեցի։ Իմ թիկունքից մլավյուն լսեցի և շուռ գալով պատուհանից դուրս, ջրամբարի վրա տեսա լղարիկ ու սպիտակ, շատ կեղտոտ մի կատու։ Գըլխումս միտք ծագեց։ «Ամեն ինչ պատրաստ է քեզ համար»— ասացի ես և պատուհանին մոտենալով մեղմ կանչեցի։ Կատուն մռլտալով ներս եկավ․ խեղճ անասունը քաղցից մեռնելու վրա էր, և ես կաթ տվեցի նրան։ Իմ բոլոր մթերքները սենյակի անկյունում տեղավորված պահարանումն էին։ Դրանից հետո կատուն հոտ քաշելով ման եկավ սենյակում. պարզ է, որոշել էր այստեղ տեղավորվել։ Անտեսանելի լաթը մի քիչ վրդովեց նրան․ արժեր տեսնեիք՝ ինչպես էր փնչացնում։ Ես նրան տեղավորեցի անվավոր մահճակի բարձիս վրա։ Եվ կարագ տվեցի, որ թողնի՝ լողացնեմ։
 
― Եվ դուք կատարեցի՞ք ձեր փորձը։
 
― Այո՛, կատարեցի։ Բայց կատվին դեղ տալը հանաք բան չկարծեք, Քե՛մփ։ Եվ փորձս ձախողվեց։
 
― Ձախողվե՞ց։
 
― Երկու կետում։ Նախ ճանկերը, հետո էլ գունանյութը... Ինչպես է կոչվո՞ւմ․ այն որ կատվի աչքում հետին խավն է կազմում։ Հիշո՞ւմ եք։
 
— Tapetum։
 
― Այո՛, tapetum։ Այդ գունանյութը չանհետացավ։ Երբ Արյունը գունազրկող մի լուծույթ խմեցրի կատվին և ամբողջ պրոցեդուրան ավարտեցի, աֆիոն էլ տվեցի և բարձի հետ միասին, որի վրա քնել էր, ապարատի վրա դրի։ Իսկ հետո, երբ ամեն ինչ գունազարկվել էր ու չքացել, երկու փոքրիկ ուրվային աչքեր մնացին։
 
― Տարօրինա՜կ է։
 
― Եվ ես չեմ կարող բացատրել այդ։ Իհարկե, կատուն կապկպված և անշարժացված էր և ես ապահով՝ տեսնում էի գործս. բայց ահա զարթնեց մշուշոտ վիճակում և ողբագին մլավեց, նույն պահին դուռը բախեցին։ Ներքևում ապրող մի պառավ կին էր դուռը բախողը, որ կասկածում էր, թե կենդանահերձումով եմ զբաղվում, նա մի հարբեցող արարած էր. աշխարհի երեսին այս սպիտակ կատվից բացի ոչ մեկը չուներ որին սիրեր։ Մի քիչ քլորոֆորմ պատրաստեցի, լռեցրի կատվին ու բացեցի դուռը։ «Կատվի մլավոց չէ՞ր լսածս» — հարցրեց նա։— «Իմ կատուն չէ՞ր»։ «Ո՛չ, այստեղ կատու չկա»— պատասխանեցի ես, շատ քաղաքավարի։ Նա մի քիչ կասկածեց և փորձեց ուսիս վրայով աչքի անցկացնել սենյակը, որն անտարակույս, բավական տարօրինակ թվաց նրան ― մերկ պատեր, առանց վարագույրի պատուհաններ, անվավոր մահճակ, գազամեքենայի դղրդոց, ճառագայթող կետերի թրթռոց, օդի մեջ քլորոֆորմի բարկ ու սիրտ խառնող ահռելի հոտ։ Ի վերջո բավարարվեg և հեռացավ գնաց։
 
― Ինչքա՞ն ժամանակ հարկ եղավ դրա համար,— հարցրեց Քեմփը։
 
― Երեք կամ չորս ժամ՝ կատվի համար։ Ամենից ուշ անհետացան ոսկորները, ջլերն ու ճարպերը, ինչպես նաև բրդի գունավոր մազիկների ծայրերը, իսկ աչքի հետին խավը, որ ծիածանային կոշտ նյութից է, ինչպես ասացի, երբեք չանհետացավ։
 
Դրսում մութն ընկավ, նախքան կավարտեի փորձս, աղոտ աչքերից ու ճանկերից բացի, ոչինչ չէր երևում։ Դադարեցրի գազամեքենայի աշխատանքը, շոշափեցի ու գգվեցի կատվին, որ դեռևս ուշքի չէր եկել։ Հոգնած լինելով՝ անտեսանելի բարձի վրա քնած թողեցի կատվին և անկողին մտա։ Բայց քունս չէր գալիս։ Արթուն պառկած՝ տարվեցի շփոթ, կցկտուր մտքերով։ Նորից ու նորից կշռադատում էի կատարած փորձս, կամ էլ տենդագին երազում էի, թե շուրջս ամեն ինչ աղոտանում է ու չքանում, մինչև որ ամեն ինչ, նույնիսկ ոտքերիս տակի հողը չքացավ, և ես հիվանդագին ընկա, ինչպես դա լինում է մղձավանջների ժամանակ։ ժամը երկուսի մոտերքը կատուն սկսեց մլավելով ման գալ սենյակում։ Փորձեցի քաղցր խոսքերով հանդարտեցնել, իսկ հետո որոշեցի վռնդել։ Հիշում եմ՝ ինչպես ցնցվեցի, երբ լուցկի վառելով տեսա լոկ կանաչ աչքերը՝ կլոր ու փայլուն, իսկ ղրանց շուրջը՝ պարզապես ոչինչ։ Ուզեցի կաթ տալ, բայց չունեի։ Եվ այդպես, չէր հանդստանում կատուն․ շեմքին նստած՝ մլավում էր։ Փորձեցի բռնել. ուզում էի պատուհանից դուրս նետել, բայց բռնել չէր լինում, չքվում էր։ Սկսեց մլավել սենյակի տարբեր անկյուններում։ Ի վերջո պատուհանը բացեցի և մի իրարանցում սարքեցի։ Երևի վերջապես դուրս թռավ։ Այլևս չտեսա այդ կատվին։
 
Հետո, աստված գիտե ինչու, նորից հիշեցի հորս հուղարկավորությունը, մռայլ ու հողմահար բլրալանջը․․․ և այդպես մինչև լուսածագ։ Տեսա՝ քնել չի լինչում․ ուստի դուռը ետևիցս կողպելով թափառեցի առավոտյան հանդարտ փողոցներում։
 
― Ուզում եք ասել՝ անտեսանելի մի կատու ազատ ման է գալիս,— հարցրեց Քեմփը։
 
― Եթե չի սպանվել,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։— Ինչո՞ւ չէ․․․
 
― Ինչո՞ւ չէ,— կրկնեց Քեմփը։— ներողությո՛ւն, որ ընդհատեցի ձեզ։
 
― Շատ հավանաբար սպանվել է,— ասաց Անտեսանելի Մարդը։— Չորս օր անց, դեռևս ողջ էր․ այդ մեկը գիտեմ։ Գրեյթ֊Թիչֆիլդ֊Սթրիթի վանդակորմներից մեկի վրա էր. բացբերանների մի բազմություն էր հավաքվել և աշխատում էր հասկանալ, թե որտեղից էր գալիս մլավոցը։
 
Գրեթե մի ամբողջ րոպե լուռ մնաց Անտեսանելի Մարդը։ Ապա հանկարծ շարունակեց.
 
― Շատ հստակ հիշում եմ այդ առավոտը, երբ դեռևս տեղի չէր ունեցել փոփոխությունը։ Հավանաբար Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթով վեր բարձրացա ես։ Հիշում եմ Օլբենի֊Սթրիթի զորանոցները և հեծյալների դուրս գալը․ ի վերջո ինքս ինձ գտա Պրիմրոզ֊Հիլի գագաթին, արևի տակ նստած։ Ինչ֊որ վատ էի զգում․ հիվանդ էի։ Հունվարյան արևոտ օր էր, մեկն այն պայծառ, սառնամանիքային օրերից, որոնք այս տարի ձյան ճանապարհ բացին։ Հոգնած ուղեղս ճգնում էր ըմբռնել դրությունը, գործուն էության ծրագիր մշակել։
 
Հիմա, որ համարյա հասել էի իմ նպատակին, զարմանքով տեսնում էի, թե դա ինչքան աննշան էր թվում ինձ։ Փաստն այն էր, որ ես ուժասպառվել էի․ գրեթե չորս տարվա անդուլ աշխատանքի լարվածությունը որևէ ուժեղ զգացման անընդունակ էր դարձրել ինձ։ Անզգա էի և իզուր էի փորձում վերագտնել հետազոտական առաջին աշխատանքների ոգևորությունս, հայտնագործության այն կիրքր, որ ինձ ընդունակ էր դարձրել գերեզման իջեցնելու հորս ալեհեր մազերը։ Այլևս ոչ մի բանի կարևորություն չէի տալիս։ Հստակ տեսնում էի, թե այս հոգեվիճակս անցողիկ է և հետևանք գերհոգնածության ու անքնության, և թե դեղերի օգնությամբ կամ էլ հանգստանալով կկարողանամ վերագտնել ուժերս։
 
Միայն մի բան հստակորեն գիտակցում էի՝ թե անհրաժեշտ էր գլուխ բերել գործը։ Այդ մտասևեռումն իշխում էր ինձ։ Եվ պետք էր շուտով ավարտել գործը, քանի դեռ լրիվ չէր սպառվել ունեցած դրամս։ Դիտեցի շուրջս փռված բլրալանջը, որտեղ խաղում էին երեխաներր, իսկ աղախինները հսկում էին, և փորձեցի պատկերացնել այն անլուր առավելությունները, որ անտեսանելի մի մարդ կարող էր ունենալ այս աշխարհում։ Քիչ անց, հազիվհազ քարշ գալով տուն հասա, մի քիչ կերա և մի խոշոր դոզա ստրիխնին ընդունեցի և հագուստներով պառկեցի չհարդարված անկողնումս։ Ստրիխնինը հիանալի զորացոլցիչ է, Քե՛մփ, տեղն ու տեղը չքացնում է թուլությունը։
 
― Դա հենց սատանան է, հին քարե֊դարյան վայրենին է, շշի մեջ,— գոչեց Քեմփը։
 
— Արթնացա խիստ կայտառ ու դյուրագրգիռ։ Գիտեք չէ՞, ինչպես է լինում։
 
— Գիտե՛մ։
 
― Այդ պահին ինչ֊որ մեկը դուռս բախեց։ Տանտերս էր, նա վրա էր տալիս սպառնալիքներով և հարցերով․ լեհ-հրեա ծերուկ էր, երկար, գորշ վերարկուով և ծռմռված հողաթափերով։ Ամբողջ գիշերը դու մի կատու էիր տանջել, պնդում էր նա։ Պառավ կնոջ լեզուն, ըստ երևույթին, գործը տեսել էր։ Ծերուկը պահանջում էր, որ ամեն ինչ ասեի իրեն։ Այս երկրի օրենքը խստիվ արգելում է կենդանահերձությունը և ահա, կարող են իրեն պատասխանատվության ենթարկել։ Պատասխանեցի, թե ոչ մի կատու չէր եղել իմ սենյակում։ «Հետո»— ասաց նա,— «փոքրիկ գազամեքենայի դղրդոցն զգացվում է ամբողջ տան մեջ»։ «Իհարկե դա ճիշտ է»— ասացի ես։ Ինձ քսվելով սենյակս խցկվեց՝ մելխիորե շրջանակով ակնոցի վերևով զննելով չորս կողմը։ Հանկարծ մի երկյուղ համակեց ինձ, թե կարող էր թափանցել իմ գաղտնիքի մեջ։ Ճիգ էի թափում մնալ ծերուկի և իմ սարքած խտացուցիչ ապարատի միջև. իսկ դա հրահրում էր նրա հետաքրքրությունը։ Այդ ինչե՞ր էի անում․․․ Ինչո՞ւ միշտ մենակ էի և այսքան գաղտնապահ․․․ Արդյոք օրենքով արգելված մի գործով չէի՞ զբաղվում։ Արդյոք դա վտանգավոր չէ՞ր․․․ Չէ՞ որ սովորական փորձից բացի ոչինչ չէի վճարում․․․ Իր տունը միշտ բարի համբավ է ունեցել, վատահամբավ մի շրջապատում․․․ Հանկարծ համբերությունս հատավ։ Ասացի, որ հեռանա։ Ծերուկն սկսեց բողոքել և ինչ֊որ դուրս տալ, թե իրավունք ունի ուզած ժամանակ մտնել սենյակս։ Մի ակնթարթ ևս ու ես կառչեցի նրա օձիքից․ ինչ֊որ բան ճթթալով պատռվեց և նա թավագլոր շպրտվեց իր իսկ միջանցքը։ Դուռը շրխկոցով փակեցի ու կողպեցի և դողահար նստեցի աթոռին։
 
Նա մի քիչ աղմկեց դրսում, բայց ուշադրություն չդարձրի ու քիչ անց, հեռացավ։
 
Դրանից հետո դեպքերը գահավեժ իրար հաջորդեցին։
 
Չգիտեի՝ ինչ էր մտադիր անել, ոչ էլ գիտեի, թե օրենքն ինչ իրավասություններ էր տալիս նրան։ Մի ուրիշ բնակարան տեղափոխվելը գործը հետաձգել կլիներ․ ընդամենը հազիվ քսան ստերլինգ ունեի աշխարհի երեսին, դա էլ մեծ մասամբ բանկումն էր։ Ոչ, չէի կարող ինձ թույլ տալ այդ ձգձգումը։ Աներևութանա՜լ․․․ Փորձությունն անդիմադրելի էր։ Հետո հետաքննություն էր բացվելու, իսկ սենյակս թալանվելու էր․․․
 
Միայն այն միտքը, թե գագաթնակետին հասնելու պահին աշխատանքս կարող էր բացահայտվել կամ էլ ընդհատվել, զայրացրեց ինձ, և ես վերագտա ուժերս։ Շտապ դուրս եկա, հետս վերցնելով նշումների երեք հատորներս և չեկի գրքույկս — հիմա դրանք թափառաշրջիկի մոտն են — և ամենամոտիկ փոստային բաժանմունքից ուղարկեցի Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթում գտնվող ցպահանջ նամակների և ծանրոցների փոստային գրասենյակը։ Աշխատեցի ինչքան հնարավոր է անաղմուկ դուրս գալ։ Վերադառնալիս տեսա, որ տանտերս շատ հանդարտ՝ աստիճաններով վեր էր բարձրանում։ Երևի լսել էր դուռը փակելս։ Կծիծաղեիք, եթե տեսնեիք, թե ինչպես հարթակի վրա մի կողմ նետվեց, երբ ետևից վերև խոյացա․ իսկ երբ կողքով անցա, աչքերը վրաս ոլորեց։ Շրխկոցով փակեցի դուռը, դղրդացնելով ամբողջ տունը։ Լսեցի, թե ինչպես հողաթափերը քսքստացնելով մոտեցավ դռանս, վարանած կանգ առավ, ապա ցած իջավ։ Իսկույն անցա նախապատրաստական աշխատանքների։
 
Այդ երեկոյան ու գիշերը ամեն ինչ ավարտվեց։ Մինչդեռ նստած էի արյունը գունազրկող դեղերի նողկալի ու քնաբեր ազդեցության տակ, մի քանի անգամ թակեցին դուռը։ Ապա թակոցը դադարեց, ոտնաձայները հեռացան։ Հետո վերադարձան, և թակոցը վերսկսվեց։ Մի մարդ աշխատում էր ինչ֊որ բան խցկել դռան տակ — ինչ֊որ կապույտ թուղթ։ Ջղայնության նոպայում ոտքի նետվեցի, գնացի և կրնկի վրա լայն բացեցի դուռը։
 
― Հը՛, էլի ի՞նչ կա,— գոչեցի ես։
 
Տանտերս էր, ձեռքում վտարման ծանուցագիր կամ էլ նման մի բան։ Նա ինձ մեկնեց թուղթը, ապա ըստ երևույթին ձեռքերս մի տեսակ տարօրինակ թվացին նրան և հայացքը դեմքիս հառեց։
 
Մի պահ բերանաբաց մնաց․ ապա մի տեսակ խառնահնչուն ճիչ արձակեց, ցած գցեց մոմն ու ծանուցագիրը և մութ միջանցքում սայթաքելով դեպի աստիճաններն ուղղվեց։ Ես փակեցի դուռը, կողպեցի և հայելուն մոտեցա․ և հասկացա նրա սարսափը, դեմքս ճերմակ էր, ինչպես ճերմակ քարը։
 
Ես ահռելի ցավեր էի զգում։ Դա ինձ համար անակնկալ էր։ Ամբողջ գիշերն անցավ ահարկու տանջանքների, սրտախառնուքի և ուշագնացության նոպաներում։ Ատամներս սեղմեցի․ մաշկս վառվում էր, ամբողջ մարմինս վառվում էր։ Բայց ես դաժան մահվան պես անշարժ պառկել էի։ Եվ ահա հասկացա, ինչու էր նվացել կատուն, մինչև որ քլորոֆորմով թմրեցրել էի նրան։ Բախտավոր էի, որ ապրում էի մենակ և առանց աղախնի։ Մերթ ընդ մերթ հեծեծում էի ու տնքում և զառանցում։ Բայց ես համառեցի։ Քիչ անց ուշքս կորցրի, իսկ հետո արթնացա մթան մեջ, բոլորովին ուժասպառ։
 
Ցավն անցել էր։ Թվում էր՝ ինքս ինձ սպանում էի բայց ինձ համար միևնույն էր։ Երբեք չեմ մոռանա այդ արևածագը և ինձ համակող տարօրինակ ահ ու սարսափը, երբ տեսա թե ձեռքերս ծխագույն ապակու պես էին ու դիտեցի, թե ինչպես քանի բացվում էր առավոտը, հետզհետե ավելի թափանցիկ ու նուրբ էին դառնում ձեռքերս, մինչև որ ի վերջո դրանց միջով կարողանում էի դիտել սենյակիս նողկալի անկարգությունը, թեև փակում էի կոպերս։ Մարմինս կարծեք ապակի էր դարձել, ոսկորներս ու երակներս հետզհետե աղոտացան, չքացան, իսկ վերջում աներևութացան փոքրիկ, սպիտակ ներվերը։ Ատամներս կրճտեցրի և մինչև վերջը տեղումս գամվեցի։ Մնացին միայն եղունգներիս փայլատ ու սպիտակ ծայրերը և ինչ֊որ թթվի սրճագույն արատը մատներիս վրա։
 
Մեծ դժվարությամբ վեր կացա։ Խանձարուրով փաթաթված երեխայի պես անզոր էի սկզբում, երբ փորձում էի քայլել այնպիսի ոտքերով, որոնք չէի տեսնում։ Տկար էի և խիստ քաղցած։ Գնացի և ածիլվելու հայելուս մեջ՝ դատարկության նայեցի. ոչինչ չէի տեսնում, բացի մի նոսր գունանյութից, որ մշուշից էլ աղոտ, դեռևս մնացել էր իմ աչքերի ցանցաթաղանթի ետևը։ Ես ստիպվեցի սեղանին հենվել և ճակատս հայելուն սեղմեցի։
 
Միայն մոլեգին մի ճիգ գործադրելով, կարողացա քարշ գալ ապարատի մոտ և ավարտեցի պրոցեսը։
 
Ամբողջ առավոտը քնեցի, լույսից պաշտպանվելու համար սավանը աչքերիս վրա քաշելով․ կեսօրվա դեմ դարձյալ դռան բախյունն արթնացրեց ինձ։ Ուժս վերագտել էի։ Նստած ականջ դրեցի և մի շշնջյուն լսեցի։ Իսկույն ոտքի նետվեցի և ինչքան հնարավոր էր անշշուկ, սկսեցի անջատել իմ ապարատի մասերը և սենյակում դես ու դեն ցրել, որպեսզի հնարավոր չլիներ կռահել կառուցվածքը։ Քիչ հետո բախյունը վերսկսվեց և ձայներ լսվեցին — նախ տանտիրոջս, ապա ուրիշ երկու անծանոթ ձայներ։ Ժամանակ շահելու համար պատասխանեցի։ Անտեսանելի լաթն ու բարձը ձեռքս ընկան․ բացեցի պատուհանը և ջրամբարի կափույրի վրա նետեցի։ Մինչ բացում էի պատուհանը, դուռը ուժեղ հարվածից դղրդաց։ Ինչ֊որ մարդ ուսով վրա էր ընկել, կողպեքը ջարդելու դիտավորությամբ, բայց մի քանի օր առաջ պտուտակով ամրացրած սողնակներս տեղի չտվին։ Նրանց արարքը ցնցեց, զայրացրեց ինձ, սկսեցի դողալ և շտապ գործի անցա։
 
Սենյակի մեջտեղը դիվեցի թղթի կտորներ, փաթեթի թուղթ և ձեռքիս տակ եկող ուրիշ բաներ և բաց արի գազը։ Ծանր հարվածներ տեղացին դռանը։ Ես չկարողացա գտնել լուցկիները։ Գազազած՝ սկսեցի բռունցքով պատին խփել։ Հետո փակեցի գազի ծորակը, պատուհանից դուրս եկա ջրամբարի կափույրի վրա, անշշուկ ցած բերեցի պատուհանի փեղկը և դեպքերի ընթացքը դիտելու համար նստեցի բոլորովին ապահով ու անտեսանելի, բայց բարկությունից դողահար։ Ես տեսա, թե ինչպես պոկեցին դռան տախտակներից մեկը, մի ակընթարթում ջարդեցին սողնակների կեռերը և կանգնեցին բաց դռան մեջ։ Տանտերն ու նրա երկու խորթ որդիներն էին, քսաներեք֊քսանչորս տարեկան թիկնեղ երիտասարդներ։ Նրանց թիկունքում իրար էր անցել ներքնահարկում ապրող պառավ վհուկը։
 
Կարո՞ղ եք պատկերացնել նրանց զարմանքը, երբ սենյակը դատարկ գտան։ Երիտասարդներից մեկը իսկույն նետվեց դեպի պատուհանը, լայն բացեց և դուրս նայեց։ Նրա չռված աչքերը և մորուսավոր, հաստ շրթներով դեմքը միայն մի թիզ հեռու էին ինձնից։ Մտքովս անցավ մի հատ հասցնել տխմար ռեխին, բայց ետ պահեցի բռունցքս։ Նա հենց իմ միջով ղիմացը նայեց․ նույնն արեցին մյուսները, որոնք մոտեցան նրան։ Ծերուկը գնաց ու մահճակի տակ նայեց, իսկ հետո բոլորը մեկ սպասապահարանի կողմը նետվեցին։ Յիգիշերեն ու կոկնի անգլերենով երկար֊բարակ վիճեցին։ Ի վերջո եզրակացրին, թե ես չէի պատասխանել դռան թակոցին, թե դա պարզապես թվացել էր իրենց։ Արտասովոր մի բավականություն փոխարինեց քիչ առաջ զգացած իմ բարկությանը, մինչ պատուհանի տակ նստած դիտում էի այս չորս մարդկանց, քանի որ պառավ կինն էլ էր սենյակ մտել կատվի պես, կասկածանքով չորս կողմն էր նայում, ճգնելով գլուխ հանել իմ վարմունքի առեղծվածից։
 
Ծերունին, ինչքան կարողացա հասկանալ նրա patois֊նը պառավ կնոջ հետ համաձայնեց, թե ես կենդանահերձությամբ էի զբաղվում։ Տղաները ջարդված անգլերենով հայտարարեցին, թե էլեկտրո֊մեխանիկ եմ ես և որպես ապացույց վկայա կոչեցին դինամոներն ու խտացուցիչ ապարատները։ Բոլորն էլ երկյուղ էին կրում, թե կվերադառնամ, թեև ինչպես հետո տեսա, նրանք գցել էին մուտքի դռան սողնակները։ Պառավ կինը քիթը կոխեց սպասապահարանի մեջ ու մահճակի տակ, իսկ երիտասարդներից մեկը բարձրացրեց վառարանի դռնակը և ծխնելույզն ի վեր նայեց։ Հարևան կենվորներից մեկը, մի փերեզակ, որ մսագործի հետ դիմացի սենյակումն էր ապրում, երևաց հարթակի վրա։ Նա էլ ներս կանչվեց ու լսեց անկապ մի պատմություն։
 
Մտքովս անցավ որ եթե ապարատները բանիմաց ու զարգացած մարդու ձեռքն ընկնեին, համարյա կբացահայտեին գաղտնիքս, ուստի հարմար մի առիթ որսալով, սենյակ մտա և փոքրիկ դինամոներից մեկը անջատեցի այն հենակից, որի վրա ամրացված էր, իսկ հետո երկու ապարատներն էլ ջարդուփշուր արեցի։ Մինչ նրանք աշխատում էին մի կերպ բացատրել ապարատի ջարդվելը, ես սենյակից դուրս ծլկեցի և անշշուկ՝ աստիճաններով ցած իջա։
 
Հյուրասենյակներից մեկը մտա և սպասեցի՝ մինչև նրանք ցած իջան, դեռևս ենթադրություններ անելով և վիճելով, բոլորն էլ մի քիչ հիասթափված, որ «զարհուրելի» ոչինչ չէին գտել և մի քիչ շփոթված միտք անելով, թե ինչ դիրք պետք էր բռնեին իմ հանդեպ։ Հետո մի տուփ լուցկի վերցրած՝ դարձյալ ներս խցկվեցի, կրակ տվեցի թղթի և աղբի դեզը, աթոռներն ու ներքնակը մոտեցրի կրակին, ռեզինե խողովակով կույտի վրա ուղղեցի գազը և ձեռքս թափահարելով վերջնականապես հրաժեշտ տվի սենյակիս։
 
— Եվ դուք հրդեհեցի՞ք տունը,— բացականչեց Քեմփը։
 
― Հրդեհեցի։ Հետքս կորցնելու միակ միջոցն էր դա, և տունն անշուշտ ապահովագրված էր։ Անաղմուկ դեն քաշեցի մուտքի դռան սողնակները և փողոց դուրս եկա։ Ես անտեսանելի էի և հենց նոր էի սկսում գլխի ընկնել, թե անտեսանելիությունս ինչպիսի առավելություններ էր տալիս ինձ։ Արդեն իսկ ուղեղումս վխտում էին ամեն տեսակ խելագար ու հրաշալի ծրագրեր, որոնք կարող էի անպատիժ իրականացնել։
== Գլուխ քսանմեկերորդ։ Օքսֆորդ֊սթրիթում ==
 
Աստիճաններով ցած իջնելիս, առաջին անգամ հանդիպեցի անակնկալ մի դժվարության, որովհետև ոտքերս չէի տեսնում։ Նույնիսկ մի երկու անգամ սայթաքեցի, իսկ սողնակը բռնելիս անսովոր մի անճարակություն զգացի։ Միայն թե գետնին չնայելով կարողանում էի մի կերպ քայլել հարթ տեղերով։
 
Ինչպես ասացի, շատ ոգևորված տրամադրության մեջ էի։ Ես զգում էի, ինձ այնպես, ինչպես տեսնող մարդը կարող էր զգալ կույրերի քաղաքում՝ հագին փափուկ կոշիկներ և անաղմուկ հագուստներ։ Խելագար մի ցանկություն ունեի կատակելու մարդկանց հետ, հանկարծակիի բերելու նրանց, թփթփացնելու նրանց ուսը, թռցնելու գլխարկները և ընդհանրապես վայելելու իմ դրության արտասովոր առավելությունները։
 
Հազիվ էի Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթ մտել (բնակարանս շատ մոտ էր այնտեղ գտնվող կերպասեղենի մեծ վաճառատանը երբ մի աղմուկ լսեցի և ինչ-որ բան, ուժով զարնվեց թիկունքիս․ շուռ գալով տեսա մի մարդ, որ զելտերյան ջրի սիֆոններով լեցուն մի զամբյուղ էր տանում և զարմացած նայում էր իր բեռանը։ Թեև հարվածը սուր ցավ պատճառեg ինձ, նրա շփոթմունքն այնքան ծիծաղաշարժ էր, որ քրքջացի։ «Զամբյուղի մեջ սատանա կա»— գոչեցի ես և հանկարծ նրա ձեռքից խլեցի զամբյուղը։ Նա իսկույն բաց թողեց այն, և ես ամբողջ բեռը օդ բարձրացրի։
 
Բայց հիմար կառապանի մեկը, որ կանգնել էր գինետան շեմքին, հանկարծ նետվեց դեպի զամբյուղր, և ականջիս տակ երկարած մատները կսկծալի մի ցավ պատճառեցին ինձ։ Զամբյուղը սոսկալի ճարճատյունով գցեցի կառապանի գլխին, իսկ հետո, երբ շուրջս ծայր տվեց աղմուկ֊աղաղակն ու ոտքերի դոփյունը, և ինձ գտա խանութներից դուրս նետվող մարդկանց ու հանկարծ կանգ առնող կառքերի մեջտեղը, անդրադարձա, թե ինչ փորձանք էի բերել գլխիս․ հիմարությունս անիծելով մի խանութի պատուհանի մոտ քաշվեցի և պատրաստվեցի դուրս պրծնել այս խառնիճաղանջից։ Մի րոպե ևս և ես կխրվեի բազմության մեջ և անխուսափելիորեն կհայտնաբերվեի։ Ուստի մի կողմ հրեցի մսագործի աշակերտին, որ բարեբախտաբար շուռ չեկավ, որ նայեր իրեն հրող դատարկությանը, և խցկվեցի կառապանի քառանվի ետևը։ Չգիաեմ ինչով վերջացավ գործը։ Շտապ ճեղքեցի-անցա ճանապարհը, որ բարեբախտաբար դատարկ էր և այս միջադեպում հայտնաբերվելուց իմ կրած երկյուղից՝ ուշադրություն չդարձրի, թե ուր էի գնում ու խրվեցի երեկոյան դեմ Օքսֆորդ֊Սթրիթում վխտացող բազմության մեջ։
 
Փորձեցի խառնվել մարդկանց հոսանքին, բայց ինձ համար չաֆազանց հոծ էր բազմությունը, և մի րոպե անց, մարդիկ սկսեցին կոխոտել կրունկներս։ Սկսեցի առվակի միջով գնալ, բայց խորդուբորդ հատակը ցավեցնում էր ոտքերս․ հենց նույն պահին դանդաղ քարշ եկող մի հենսըմի քեղը ուժով զարնվեց ուսիս թիակին, ինձ հիշեցնելով, թե առանց այդ էլ ճմլվել էր թիկունքս։ Սայթաքելով դեն քաշվեցի կառքի ճանապարհից, ջղաձգական շարժումով խուսափեցի մի մանկասայլակի ընդհարվելուց և հանկարծ հայտնվեցի հենսըմի ետևը։ Բարեբաստիկ մի միտք փրկեց ինձ ու մինչ կառքը դանդաղ առաջ էր ընթանում, դրա հետքերով գնացի, դողահար ու ապշահար՝ իմ արկածի ընդունած ընթացքից։ Եվ ոչ միայն մըրսում էի, այլև դողում էի։ Հունվարյան մի պայծառ օր էր, և ես մորեմերկ էի, և ճանապարհը ծածկող ցեխի խավը սառչում էր։ Այժմ դա ինչքան էլ անմիտ թվա ինձ, հաշվի չէի առել, թե չնայած թափանցիկ էի, բայց դեռևս ենթակա էի ցրտին և դրա բոլոր հետևանքներին։
 
Հետո հանկարծ մի փայլուն միտք ծագեց ուղեղումս։ Առաջ անցա ու տեղավորվեցի կառքի մեջ։ Եվ այսպես, վախեցած, դողդողալով, նոր սկսված հարբուխից ֆսֆսալով և գոտկատեղումս հետզհետե ավելի ուժեղ կերպով իրեն զգալ տվող ճմլվածքով, կառքով դանդաղորեն անցա Օքսֆորդ֊Սթրիթով և ապաճ Թոթենհեմ֊Քորթ֊Ռոդով։ Իսկ իմ տրամադրությունն աներևակայելիորեն տարբեր էր տասը րոպե առաջ, երբ տնից դուրս էի նետվել։ Այս էլ քեզ անտեսանելիությո՜ւն․․․ Լոկ մեկ միտք էր զբաղեցնում ուղեղս, ինչպե՛ս դուրս գայի գլխիս եկած այս փորձանքից։
 
Մենք քարշ եկանք Մյուդի գրախանութի կողքով և այնտեղ, ձեռքում դեղին շապիկներով հինգ֊վեց գրքերի մի կապոց բռնած բարձրահասակ մի կին ձայն տվեց իմ կառապանին, և ես ճիշտ ժամանակին դուրս նետվեցի, փախչելիս մազապուրծ ազատվելով գնացքի ապրանքատար վագոնի տակ ընկնելուց։ Բլումզբըրի֊Սկուեր տանող ճանապարհը բռնեցի, մտադրվելով թանգարան հասնելուս պես թեքվել դեպի հյուսիս և հանդարտ մի թաղամաս ընկնել։ Խիստ մրսել էի և անհեթեթ դրությունս այնպես կորովազրկել էր ինձ, որ վազելիս նվում էի։ Բլումզբըրի֊Սկուերի հյուսիսային անկյունում սպիտակ մի շնիկ դուրս վազեց Դեղագործական ընկերության գրասենյակից և քիթը գետնից չկտրելով, իսկույն ընկավ իմ ետևից։
 
Մինչև այդ, գլխի չէի ընկել, թե շան համար քիթն այն է, ինչ աչքը՝ տեսնող մարդու համար։ Շներն ընկալում են շարժվող մարդու հոտը այնպես, ինչպես մարդիկ ընկալում են նրա պատկերը։ Այս հիմար անասունը սկսեց հաչել ու ոստոստել, բացորոշ կերպով ցույց տալով, թե տեղյակ է իմ գոյությանը։ Ես կտրեցի֊անցա Գրեյթ֊ՌասըլՍթրիթը, ամբողջ ժամանակ ուսիս վրայով ետ նայելով, և բավական առաջացա Մոնթեգյու-Սթրիթում, մինչև գլխի ընկա, թե դիմացից ինչ է գալիս։
 
Հետո ականջիս հասավ ինչ֊որ նվագի թնդյունը․ փողոցն ի վեր նայելով, տեսա Ռասըլ-Սկուերի անկյունը դարձող մի խումբ կարմիր շապիկավոր մարդկանց, երթի առջևից էլ՝ Փրկության բանակի դրոշը։ Հույս չունեի, թե կկարողանայի ճեղքել այսպիսի մի բազմություն, որի մի մասը երգում էր ճանապարհին, իսկ մյուսը հռհռում էր մայթի վրա, վախենում էի ետ դառնալ ու նորից շատ հեռանալ իմ տնից։ Ուստի, իսկույն որոշեցի անելիքս և թանգարանի վանդակորմի դիմացիդ տան սպիտակ աստիճաններով վեր վավեցի և սպասեցի, մինչև կանցներ բազմությունը։ Բարեբախտաբար շնիկը նվագի ձայնը լսելուն պես կանգ առավ, մի պահ վարանեց, հետո պոչը քաշեց ու վազեց ետ՝ դեպի Բլումզբըրի֊Սկուեր։
 
Բազմությունը մոտենում էր, կոկորդապատառ երգելով մի երգ, որ անգիտակցաբար հեգնական էր հնչում. «Օ՜, ե՞րբ կտեսնենք մենք դեմքը նորա»։ Ինձ թվաց, թե բազմությունն այսպես անվերջ անցնելու էր իմ կողքով, «Բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ» դղրդալից որոտում էր թմբուկը։ Ուստի մի պահ չնշմարեցի երկու մանչուկների, որոնք իմ կողքին կանգնել էին, վանդակորմի առաջ։ «Մտիկ տուր դրանց»— ասաց մեկը։ «Ինչի՞ն մտիկ տամ»— հարցրեց մյուսը։ «Դե այդ հետքերին, է այն էլ բոբիկ, ասես ցեխի մեջ է չլմփացրել»։
 
Ցած նայեցի ու տեսա, որ մանչուկները կանգ էին առել և բերանաբաց դիտում էին ցեխոտ հետքերը, որ ես իմ ետևից թողել էի հենց նոր սպիտակեցրած աստիճաններով բարձրանալիս։ Անցորդները բոթում ու հրմշտում էին մանչուկներին, բայց նրանց անիծված ուշադրությունը լարված էր։ «Բn՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ, օ՞, ե՞րբ կտեսնենք մենք, բո՜ւմ, դեմքը նորա, բո՜ւմ, բո՜ւմ»։ «Ես մի բան գիտեմ, ոտաբոբիկ մի մարդ է բարձրացել այս սանդուղքով»— ասաց մեկը։— Եվ իսկի էլ ցած չի իջել։ Եվ ոտքերից էլ արյուն է հոսելիս եղել»։
 
Երթն արդեն նոսրացել էր․ «Նայի՛ր այնտեղ, Թեդ» — ասաց հետախույզներից կրտսերը, զարմանքից սրված ձայնով և ուղղակի ոտքերս ցույց տվեց։ Ցած նայեցի և իսկույն տեսա իմ ոտքերի աղոտ պատկերը, որ ուրվագծել էր դրանց վրա շաղ տրված ցեխը։ Մի պահ քարացա...
 
«Ա՜յ քեզ բան,— ասաց ավագը,— գրողը տանի, այսպես էլ տարօրինակ բա՜ն։ Ոնց որ ոտքի ուրվական էինի, չէ՞»։ Նա վարանած կանգ առավ և առաջ մեկնեց ձեռքը։ Մի մարդ ընդհուպ մոտեցավ, որ տեսնի՝ այդ ինչ է բռնում, հետո էլ մի աղջիկ մոտեցավ։ Մի ակնթարթ ևս և մանչուկը կդիպչեր ինձ։ Իսկույն գլխի ընկա, թե ինչ պետք է անեի։ Մի քայլ արեցի, տղան ճչալով ընկրկեց, իսկ ես արագ շարժումով նետվեցի հարևան տան արտասանդուղքը։ Բայց կրտսեր մանչուկը իր սուր աչքերով որսաց շարժումս. նախքան աստիճաններով ցած կիջնեի և մայթին կհասնեի, նա ուշքի էր եկել րոպեական շփոթմունքից և գոռում էր, թե ոտքերը պատի վրայով թռել էին։
 
Ամենքն այն կողմը խուժեցին և տեսան, որ ստորին աստիճանի և մայթի վրա նույն ակնթարթում նոր հետքեր հայտնվեցին։ «Ի՞նչ է պատահել»— հարցրեց մեկը։― «Ոտքե՛ր, տեսեք, վազող ոտքեր»։
 
Ինձ հալածող երեք հոգուց բացի, փողոցում ամեն ոք փրկության բանակին էր խառնվում․ դա խանգարում էր և՛ ինձ, և՛ ինձ հետապնդողներին։ Զարմացական ճիչերի և հարցումների մի հողմապտույտ ստեղծվեց։ Մի երիտասարդի գետին գլորելու գնով նեղ տեղից գուրս պրծա և մի ակնթարթում խելացնոր սլացա Ռասըլ-Սկուերի շուրջը․ վեց֊յոթ շվարած մարդիկ հետևում էին իմ հետքերին։ Բացատրություններ տալու ժամանակ չկար, թե չէ մարդկանց այդ ամբողջ բանակը կընկներ իմ ետևից։
 
Երկու անգամ դարձա նույն անկյունը, երեք անգամ կտրեցի֊անցա պողոտան ու նույն ճամփով ետ դարձա և ահա, երբ ոտքերս տաքացան ու չորացան, թաց հետքերն սկսեցին աղոտանալ։ Ի վերջո ազատ շունչ քաշելու մի րոպե գտնելով ձեռքերովս մաքուր սրբեցի ոտքերս և մեկ անգամ ընդմիշտ կորցրի հետքս։ Վերջին անգամ տեսա ինձ հետապնդողների խումբը. մի տասնյակ մարդ ծայր աստիճան շփոթված՝ զննում էին դանդաղորեն չորացող մի ոտնահետք, որ առաջացել էր Թևիսթոք֊Սկուերի ջրափոսերից մեկի մոտ — մի հետք, որ նույնքան մենավոր ու անհասկանալի էր, որքան Ռոբինզոն Կրուզոյի մենավոր հայտնագործությունը։
 
Վազվզուքը որոշ չափով տաքացրեց ինձ և ես մի քիչ սրտապնդված անցա այս կողմերը ձգված նվազ բանուկ ճանապարհների լաբիրինթոսով։ Մեջքս փայտացել էր ու կսկծում էր, նշագեղձերս ցավում էին կառապանի մատների սեղմումից, իսկ նրա եղունգների տակ ընկած վզիս մաշկը չանգռվել էր։ Ոտքերս էլ չափազանց ցավում էին և կրունկիս փոքրիկ կտրվածքի պատճառով կաղում էի։ Ճիշտ ժամանակին տեսա ինձ մոտեցող մի կույրի և կաղնիկաղ փախա, վախենալով նրա հոտառությունից։ Մեկ֊երկու անգամ անցորդների զարնվեցի և մարդկանց տարակուսանքի մեջ թողեցի, հայտնի չէ, որտեղից՝ ականջներում հնչող լուտանքներով։ Ապա ինչ֊որ լուռ ու հանդարտ բան ընկավ դեմքիս և ամբողջ հրապարակի վրա իջավ դանդաղորեն թափվող ձյան փաթիլների նուրբ քողը։ Ես մրսել էի և որքան աշխատում էի, չէի կարողանում զսպել մերթ ընդ մերթ պայթող փռշտոցներս։ Ամեն անգամ, որ տեսնում էի դունչը ցցած և հետաքրքրությամբ հոտ քաշող մի շուն, սարսսսիը պատում էր ինձ։
 
Հետո տղամարդիկ ու մանչուկներ վազելով անցան կողքովս — նախ մեկը, ետևից էլ մյուսները, վազելիս գոռգոռում էին, ինչ֊որ տեղ հրդեհ էր ընկել։ Նրանք իմ տան ուղղությամբ էին վազում։ Կողմնակի փողոցներից մեկով վեր նայելիս տեսա կտուրներից և հեռախոսալարերից վեր խոյացող սև ծուխը, վառվում էր բնակարանս, վառվում էին հագուստներս, ապարատներս, ամբողջ ունեցվածքս, բացի իմ չեկի գրքույկից և նշումների երեք հատորից, որոնք ինձ էին սպասում Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթում։ Վառվում էին...
 
Ես վառել էի իմ նավերը, եթե երբևիցե որևէ մեկը վառել է իր նավերը։ Ամբողջ տունը բոցավառվում էր։
 
Անտեսանելի Մարդը լռեց ու մտորմունքի մեջ ընկավ։ Քեմփն անհանգիստ պատուհանից դուրս նայեց։
 
― Հետո՞,— գոչեց նա։— Շարունակե՛ք։
== Գլուխ քսաներկուերորդ։ Ունիվերմագում ==
 
— Եվ այսպես, հունվարին, երբ չորս կողմս օդում ձյունամրրիկի հոտն էր փչում, բավական էր ձյունն իջներ վրաս՝ իսկույն կմատներ ինձ։ Ուժասպառ, մրսած, ցավատանջ, աննկարագրելիորեն ընկճված ու դեռևս կիսով չափ միայն համոզված, թե անտեսանելի եմ, ես սկսեցի այս նոր կյանքը, որին դատապարտել էի ինքս ինձ։ Ապաստարան չունեի, ոչ էլ ապարատներ ունեի այլևս, կամ էլ աշխարհի երեսին որևէ մեկը, որին կարողանայի սիրտս բանալ։ Գաղտնիքս որևէ մեկին բանալը կնշանակեր ոտքով-ձեռքով ուրիշին անձնատուր լինել, ամենքի համար մի ցուցանք դառնալ։ Այսուհանդերձ գրեթե մտադրվել էի դիմել որևէ անցորդի և ինքս ինձ հանձնել նրա ողորմածությանը։ Բայց ես շատ պարզ պատկերացնում էի, թե ինչ սարսափ էր ազդելու և ինչպիսի բիրտ անգթություն էր հարուցելու նման փորձը։ Եվ այդպես էլ, փողոցում ո՛չ մի ծրագիր չմշակեցի։ Միակ նպատակս էր ձյունից պատսպարվել, հագնվել ու տաքանալ։ Հետո կարելի էր ծրագրերի մասին մտածել։ Բայց նույնիսկ ինձ՝ Անտեսանելի Մարդուս համար, անառիկ էին լոնդոնյան տների շարքերը՝ իրենց կողպեքներով, սողնակներով ու նիգերով։
 
Միայն մի բան պարզ ու հստակ տեսնում էի իմ առաջ. պատսպարան չունենալով՝ ենթարկվելու էի գիշերային ձյունամրրիկի ցրտին ու մյուս տանջանքներին։
 
Եվ հանկարծ ուղեղումս մի փայլուն միտք ծագեց։ Գոուըր֊Սթրիթից Թոթենհեմ֊Քորթ֊Ռոդ տանող փողոցներից մեկը մտա և ինքս ինձ գտա «Omnium» վաճառատան առաջ, որտեղ կարելի է գնել ամեն ինչ՝ միս, նպարեղեն, սպիտակեղեն, կահույք, հագուստեղեն ու մինչև իսկ յուղանկարներ — խանութների ոլորապտույտ, հսկա հավաքածու, քան թե մի խանութ․ դե գիտեք ինչպիսին է։ Կարծում էի՝ դուռը բաց կգտնեմ, բայց փակ էր։ Մինչ կանգնել էի լայն շքամուտքր առաջ, մի կառք մոտեցավ և համազգեստավոր մի մարդ (գիտեք ինչպիսին է լինում, գլխարկի հովարին «Omnium» գրված), լայն բաց արեց դուռը։ Մի կերպ ներս խցկվեցի և երբ անցա առաջին դահլիճով, (դա այն բաժինն էր, որտեղ ժապավեն, ձեռնոց, գուլպա և նմանօրինակ բաներ էին ծախում) մտա ավելի ընդարձակ մի հարկաբաժին, որտեղ զբոսանքների հատուկ զամբյուղներ և ոզորահյուս կահույքներ կային։
 
Այսուհանդերձ՝ այնտեղ ինձ ապահով չզգացի․ մարդիկ դես ու դեն էին գնում և ես անհանգիստ դեգերում էի, մինչև որ վերնահարկում ընկա մի մեծ բաժանմունք, որտեղ հարյուրներով մահճակալներ կային, իսկ այս բոլորից դենը, ի վերջո մի հանգստավայր գտա բրդյա ծալված ներքնակների հսկա կույտի մեջ։ Շենքն արդեն լուսավորված էր և հաճելիորեն տաքացված, և ես որոշեցի մնալ իմ ապաստարանում, աչալուրջ հսկելով գործակատարների և հաճախորդների երկու֊երեք խմբերի, որոնք մինչև վաճառատան փակվելու ժամը թափառում էին դես ու դեն։ Հետո կկարողանամ, մտածում էի ես, կողոպտել ուտելեղենի և հագուստեղենի բաժինները և ծպտված՝ գաղտագողի ման գալ վաճառատանը, զննել այնտեղ եղած֊չեղածը ու թերևս քնել անկողիններից մեկի վրա։ Այս ծրագիրս ինձ իրագործելի թվաց։ Ուզում էի հագուստներ ճարել ու թեև փաթաթված, բայց կասկած չհարուցող կերպարանք ընդունել, դրամ ձեռք բերել և հետո ստանալ փոստային գրասենյակում ինձ սպասող գրքերս ու ծանրոցներս, մի տեղ բնակարան վարձել և ծրագրեր մշակել, լիուլի օգտվելու համար այն առավելություններից, որոնք դեռևս կարծում էի, անտեսանելիությունս տալիս էր ինձ ուրիշ մարդկանց հանդեպ։
 
Վաճառատունը փակելու ժամը շուտ հասավ։ Հազիվ մի ժամ էր անցել այն պահից, երբ տեղավորվել էի ներքնակների վրա և ահա՛, տեսա, որ վարագույրները ցած էին իջեցվում և հաճախորդները դուրս էին հրավիրվում։ Իսկ հետո մի խումբ ժիր երիտասարդներ սկսեցին ուշագրավ արագությամբ դասավորել վաճառասեղանների վրա թափված ապրանքները։ Երբ բազմությունն սկսեց նոսրանալ, թողեցի որջս և զդույշ խցկվեցի վաճառատան ավելի մարդաշատ բաժանմունքները։ Իսկապես զարմացել էի, տեսնելով, թե երիտասարդ տղամարդիկ ու կանայք ինչքան արագ էին հավաքում ցերեկը վաճառքի համար ցուցադրված ապրանքները։ Բոլոր տուփերը, կախված գործվածքեղենը, ժանյակների երիզները, նպարեղենի բաժնի քաղցրեղենի տուփերը, ցուցադրված ամեն կարգի իրեր ցած էին բերվում, ծալվում ու նետվում կոկիկ արկղները, իսկ այն ամենն ինչ հնարավոր չէր ցած բերել կամ մի կողմ դնեի ծածկում էին պարուսինի նման ինչ-որ կոշտ լաթերով։ Ի վերջո բոլոր աթոռները կուտակվեցին վաճառասեղանների վրա, հատակին ոչինչ չմնաց։ Հենց որ այս երիտասարդներից և երիտասարդուհիներից որևէ մեկը վերջացնում էր գործը, անմիջապես ուղղվում էր դեպի դուռը, այնպիսի մի ոգևորված արտահայտությամբ, որ մինչ այդ երբեք չէի նշմարել որևէ գործակատարի դեմքին։ Հետո եկան մեծ թվով պատանիներ, որոնք սղոցուք էին շաղ տալիս և դույլեր ու ավելներ էին բերում։ Հարկ եղավ խույս տալ նրանցից, բայց դարձյալ սղոցուքը դաղեց բումբերս։ Խանձարուրված, մթնեցված բաժանմունքներում թափառելիս որոշ ժամանակ լսում էի ավելների քստքստոցը։ Ի վերջո, վաճառատան փակվելուց մի ժամ կամ մի քիչ ավելի անց՝ լսեցի դռների կողպվելու աղմուկը։ Լռություն տիրեց վաճառատանը, և ես ինձ գտա ընդարձակ բաժանմունքների, սրահների և ցուցասենյակների լաբիրինթոսում, մեն֊մենակ։ Ոչ մի շշուկ չէր լսվում։ Հիշում եմ՝ մի անկյունում, Թոթընհեմ-Ռոդի մուտքերից մեկի մոտով անցնելիս՝ լսեցի անցորդների կրունկների դոփյունը։
 
Նախ և առաջ ուղղվեցի այն բաժանմունքը, որտեղ գուլպաներ և ձեռնոցներ էի տեսել։ Մութ էր․ դժոխային չարչարանքով սկսեցի լուցկի փնտրել, որ ի վերջո գտա մի փոքրիկ գրասեղանի վերջին գզրոցում։ Հետո հարկ եղավ մի մոմ ճարել։ Ստիպված էի պատռել փաթեթներն ու խառնշտել տուփերն ու գղրոցները, բայց ի վերջո գտա փնտրածս։ Տուփին կպցված պիտակի վրա գրված էր՝ բրդյա վարտիք, բրդյա բաճկոնակ։ Հետո՝ գուլպաներ, մի հաստ շարֆ։ Վերջը անցա զդեստների բաժանմունքը և ճարեցի մի տաբատ, փափուկ թիկնոց, վերարկու և դեպի ներքև դարձված եզրերով գլխարկ, կղերականների դրած տեսակից։ Նորից զգացի, թե մարդ եմ, և հաջորդ մտածմունքս ուտելիք ճարելն եղավ։
 
Վերնահարկում խորտկարան կար․ այնտեղ սառը միս գտա։ Սրճամանում դեռևս սուրճ կար, և ես գազը վառեցի ու տաքացրի սուրճը։ Կարճ ասած՝ այնքան էլ վատ չդասավորեցի կյանքս։ Հետո, վաճառատան մեջ դես ու դեն թափառեցի ասվյակներ փնտրելով, բայց ստիպվեցի բավարարվել փետուրե վերմակով, և ի վերջո ընկա նպարեղենի բաժանմունքը, որտեղ գտա չտեսնված մեծ քանակությամբ շոկոլադ և շաքարոտված մրգեր, որոնք, ի վնաս ինձ, համարյա ամբողջությամբ մաքրազարդեցի, վերջն էլ բուրգունդյան սպիտակ գինի կոնծեցի։ Դրա կողքին խաղալիքների բաժանմունքն էր, և ես մի փայլուն միտք հղացա։ Արվեստական քթեր գտա, գիտեք, չէ՞, այդ դրածո քթերը, և իսկույն մտածեցի մուգ գույնի ակնոցների մասին։ Բայց «Omnium»֊ը ակնոցների բաժանմունք չուներ։ Քիթս իհարկե շատ էր զբաղեցրել ինձ, և ես սկզբում մտածել էի գրիմ անել։ Բայց այս գյուտս մտածել տվեց կեղծամների, դիմակների և այլնի մասին։ Ի վերջո քուն մտա փետուրե վերմակների կույտի վրա, որտեղ շատ տաքուկ էր և հանգստավետ։
 
Նախքան քնելս ես ունեցա ամենահաճելի մտորումները, որ երբևէ զբաղեցրել էին միտքս մեծ փոփոխությունից ի վեր։ Ֆիզիկական անդորրություն էի զգում և դա անդրադառնում էր մտքիս վրա։ Մտածում էի, թե առավոտյան կկարողանամ աննկատելի դուրս սպրդել իմ վրայի հագուստներով․ իմ վերցրած սպիտակ շարֆով կփաթաթեմ գլուխս, գրպանած դրամովս ակնոց և անհրաժեշտ ուրիշ իրեր կգնեմ և կամբողջացնեմ ծպտումս։ Եվ ահա՛ վերջին մի քանի օրվա դեպքերի շուրջը դարձող, խառնիխուռն և անհեթեթ երազների մեջ մխրճվեցի։ Տեսա գեղջուկ, հրեա տանտիրոջս, որ գոռգոռում էր իր սենյակներում․ տեսա նրա ապշահար զավակներին և խորշոմած պառավի ծռմռված դեմքը, իր կատվի մասին հարցուփորձ անելիս։ Ես նորից վերապրեցի այն տարօրինակ զգացողությունը, որ ունեցել էի լաթի աներևութանալը դիտելիս, մինչև որ գնացի֊տեսա հողմահար բլրալանջը, որտեղ ֆսֆսացնող ծերունի կղերականը հորս բաց գերեզմանի վրա մռլտում էր․ «Հո՛ղ էիր, հող դարձիր»։
 
― Դո՛ւ էլ,— գոչեց մի ձայն, և հանկարծ սկսեցին ինձ քարշ տալ դեպի գերեզմանը։ Ես ընդդիմացա, ճչացի, սգավորներին աղաչեցի, բայց նրանք քարսրտորեն հետևեցին թաղման արարողությանը․ ծերունի կղերականն էլ բնավ չդադարեց քրթմնջալ ու ֆսֆսալ ամբողջ ծիսակատարությունը։ Գլխի ընկա, թե անտեսանելի և անլսելի էի, թե գերակշիռ ուժեր հաղթահարել էին ինձ։ Իզո՛ւր ընդդիմացա․ ինձ գերեզման գլորեցին և դագաղը դղրդաց, երբ վրան ընկա։ Խճաքարերը բահերով գլխիս թափվեցին։ Ո՛չ ոք կարևորություն չէր տալիս ինձ, ո՛չ ոք չէր նկատում իմ գոյությունը։ Ես ջղաձգորեն թպրտացի և զարթնեցի։
 
Լոնդոնյան աղոտ արշալույսը ծագել էր, վաճառատունը լցվել էր պաղ ու գորշ լույսով, որ վարագույրների եզրերից ներս էր սողոսկում։ Ես նստեցի և բավական ժամանակ չէի կարողանում պատկերացնել, թե սա ինչ բնակարան է, որտեղ լցվել են վաճառասեղաններ, ոլորված ապրանքների դեզեր, վերմակների և բարձերի կույտեր, երկաթե սյուներ․․․ Հետո, երբ հիշեցի ամեն ինչ, խոսակցության ձայներ լսեցի։
 
Քիչ անց, հեռվում ինչ-որ բաժանմունքի ավելի լուսավոր մասում, որտեղ վարագույրներն արդեն բարձրացվել էին, տեսա իմ կողմն եկող երկու մարդկանց․ իմ իրարանցման հանած աղմուկը նրանց ուշադրությունն էր գրավել։ Երևի նկատել էին շտապ, բայց հանգիստ հեռացող մի կերպարանք։ «Ո՞վ կա այդտեղ»— գոռաց մեկր,— «Է՛յ, դու, կա՛ց»,— բղավեց մյուսը։ Ես անկյունը շրջվեցի և դեմ առա անգլուխ մի կերպարանքի, դուք այդ մի՛ մոռանաք — տասնհինգ տարեկան մի լղարիկ պատանու։ Նա աղաղակեց և ես ցած գլորեցի նրան, մի ուրիշ անկյուն էլ դարձա և ասես ներշնչումով, նետվեցի մի վաճառասեղանի ետևը։ Մի ակնթարթում լսեցի վազող ոտքերի դոփյունը և մարդկանց գոռում-գոչյունը․ «Բոլոր աշխատակիցներդ վազե՛ք դեպի դռները», ոմանք հարցնում էին՝ ի՞նչ էր պատահել, կամ էլ իրար խորհուրդ էին տալիս, թե ինչպես պետք էր բռնել ինձ։
 
Մահու չափ վախեցած՝ պառկել էի հատակին։ Ինչքան էլ տարօրինակ թվա, այդ պահին բնավ մտքովս չանցավ հանել հագուստներս, ինչպես պետք է արած լինեի։ Երևի որոշել էի հագնված ծլկել վաճառատնից և հենց այդ միտքն էր ղեկավարում ինձ։ Եվ ահա հանկարծ վաճառասեղանների մեջտեղի երկար անցքով մեկ, մի աղաղակ լսվեց․ «Այստե՜ղ է, այստե՜ղ․․․»։
 
Ես վեր թռա, վաճառասեղանի վրայից մի աթոռ խլեցի և թավագլոր շպրտեցի գոռգոռացող հիմարի գլխին, ապա շուռ եկա, անկյունը դառնալիս մի ուրիշ մարդու դեմ առա, մի հարվածով ետ մղեցի նրան և աստիճաններով վեր խոյացա։ Իսկ մարդը, որ ոտքերի վրա ամուր կանգնել էր, սկսեց հայհո՜ւյ կանչել և աստիճաններով վեր՝ կրնկակոխ հասավ իմ ետևից։ Աստիճանների գլխին կուտակվել էին վառ գույներով ամաններ, ինչպե՞ս են կոչվում դրանք․․․
 
― Գեղարվեստական վազաներ,— թելադրեց Քեմփը։
 
— Այդ է, որ կա, գեղարվեստական վազաներ էին։ Լավ ուրեմն, վերին աստիճանի վրա շուռ եկա, վերցրի դիզված վազաներից մեկը և ջարդեցի նրա տխմար գլխին, երբ նա վրաս էր նետվում։ Վազաների կույտը թավալգլոր փուլ եկավ, և ես ամեն կողմից աղաղակներ ու վավզողների ոտնաձայներ լսեցի։ Խելագարի պես նետվեցի խորտկարանի կողմը, իսկ այնտեղ խոհարարի պես սպիտակ հագած մի մարդ կար։ Այս անգամ նա սկսեց հալածել ինձ։ Հուսահատական ճիգով մի կողմ նետվեցի և ինձ գտա լամպերի ու երկաթեղեն ապրանքների բաժանմունքում։ Ես անցա վաճառասեղանի ետևը և իմ խոհարարին սպասեցի, իսկ երբ նա ինձ հալածողների գլուխն անցած դիմացս տնկվեց, մի խոշոր լամպով հասցրի նրան։ Գունդուկծիկ ցած գլորվեց մարդը, իսկ ես կուչ եկա վաճառասեղանի ետև և սկսեցի, ինչքան հնարավոր էր արագ քաշել֊հանել հագուստներս։ Թիկնոց, բաճկոն, տաբատ ու կոշիկ հանելը հեշտ եղավ, բայց բրդե բաճկոնակը կպչում է ինչպես սեփական մաշկը։ Մոտեցող մարդկանց ոտնաձայնը լսեցի, իսկ իմ խոհարարը հանգիստ պառկել էր վաճառասեղանի մյուս ծայրում, շշմել էր կամ էլ վախից լեզուն կապ էր ընկել։ Պետք էր նորից ծլկեի, ինչպես փայտի դեզի տա կից քշված ճագարը։
 
«Ոստիկա՛ն, ա՛յս կողմ»— գոռաց ինչ-որ մեկը։ Նորից ինձ գտա մահճակալների պահեստում և զգեստապահարանների մի ամբողջ անտառի ծայրում, դրանց մեջտեղը նետվեցի, պառկեցի հատակին, անվերջանալի գալարումներից հետո ազատվեցի իմ բաճկոնակից և նորից ազատ մարդ դարձա։ Վախեցած կանգնել էի ու հևում էի, երբ ոստիկանն ու երեք գործակատարներ անկյունը դարձան։ Նրանք նետվեցին բաճկոնակի ու վարտիքի վրա և չանթեցին տաբատը։ «Ավարը դեն է գցում» — ասաց երիտասարդներից մեկը։ «Այս կողմերը պետք է լինի»։
 
Այդուհանդերձ ինձ չգտան։
 
Դիտեցի, թե ինչպես բավական ժամանակ փնտրում էին ինձ և անիծեցի չար բախտս, որ կորցրել էի հագուստներս։ Ապա գնացի խորտկարան, խմեցի այնտեղ գտնված մի քիչ կաթը և բուխարու առաջ նստած, սկսեցի մտածել իմ դրության մասին։
 
Քիչ անց երկու գործակատարներ եկան և սկսեցին տաքացած՝ խենթուխելառ զրուցել անցած-դարձածի մասին։ Խիստ չափազանցված մի պատմություն լսեցի իմ պատճառած վնասների մասին՝ ու ամեն տեսակ գուշակություններ, թե արդյոք որտե՞ղ եմ։ Հետո դարձյալ սկսեցի ծրագրեր կազմել։ Հիմա, որ ամեն ոք աչալուրջ էր, անհաղթահարելիորեն դժվար էր որևէ ավար դուրս հանել վաճառատնից։ Պահեստ իջա, որպեսզի տեսնեի, թh որևէ հնարավորություն կա՞ր մի ծանրոց պատրաստելու և հասցեագրելու, բայց վերահսկողության սիստեմից գլուխ հանել չկարողացա։
 
Տեսնելով, որ ձյունն իջնելիս հալվել էր և եղանակը նախորդ օրվանից պայծառ էր ու տաք, ժամը տասնմեկի մոտերքը վճռեցի, որ Ունիվերմագի վրա հույս դնել չէր լինի և դուրս եկա, ջղագրգռված, քանի որ ոչ մի հաջողություն չէի ունենում։ Իսկ իմ ապագա գործունեության մասին ուղեղումս եղած ծրագրերը շատ տարտամ էին։
== Գլուխ քսաներեքերորդ։ Դրյուրի-Լեյնում ==
 
— Հիմա կսկսեք հասկանալ,— ասաց Անտեսանելի Մարդը,— թե ինչքան աննպաստ դրության մեջ էի․ պատսպարան չունեի, հագուստ չունեի։ Հագնվել կնշանակեր հրաժարվել իմ բոլոր առավելություններից, ինչ֊որ տարօրինակ ու ահռելի բան դառնալ։ Ես ծոմ էի պահում, քանի որ ուտելը, չյուրացված նյութերով լցվելը կնշանակեր նորից այլանդակորեն տեսանելի դառնալ։
 
― Երբեք չէի մտածել այդ մասին,— ասաց Քեմփը։
 
― Ոչ էլ ես։ Իսկ ձյունն ինձ զգուշացրել էր, թե ուրիշ վտանգներ էլ կան։ Չէի կարող դուրս գնալ ձյան տակ, այլապես ձյունը վրաս կնստեր ու կմատներ ինձ։ Անձրևն ինձ կդարձներ ջրե մի ուրվագիծ, մարդկային պսպղուն մակերես, պղպջակ։ Իսկ մառախո՞ւղը․․․ Մառախուղի մեջ ես կդառնայի էլ ավելի աղոտ մի պղպջակ, մակերես, մարդկային մի լպրծուն նշույլ։ Հետո, երբ լոնդոնյան եղանակով փողոց էի դուրս գալիս, բումբերիս վրա ցեխ էր հավաքվում, իսկ մաշկիս վրա՝ օդում ծփացող մուրն ու ածխափոշին։ Չգիտեի՝ ինչքան ժամանակ էր պետք մինչև այդ պատճառով ևս տեսանելի կդառնայի։ Բայց պարզ երևում էր՝ դա երկար չէր քաշի։
 
Համենայն դեպս ոչ Լոնդոնում։
 
Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթի կողմերը գտնվող խուլ անկյունները գնացի և ինձ գտա այն փողոցի ծայրում, որտեղ առաջ ապրում էի։ Իմ տան մոտերքը չգնացի, որովհետև ճանապարհի կեսին, իմ հրդեհած տան ծխացող ավերակների դիմաց, բազմություն էր հավաքվել։ Իմ անմիջական խնդիրը հագուստ ճարելն էր։ Հետո չգիտեի՝ ինչ էի անելու դեմքս։ Եվ ահա տեսա մեկն այն փոքրիկ խանութներից, որտեղ ամեն ինչ վաճառում են — թերթեր, քաղցրեղեններ, խաղալիքներ, գրենական պիտույք, ծննդյան ծառի ուշացած զարդարանքներ և այլն․ այնտեղ ցուցադրված էին մեծ թվով դիմակներ ու քթեր։ Գլխի ընկա, թե խնդիրը լուծված է։ Մի ակնթարթում տեսա բռնվելիք ընթացքս։ Ես շուռ եկա, բայց այլևս աննպատակ չէի․ բանուկ ճանապարհներից խուսափելու համար, դարձդարձիկ ուղիներով Սթրենդի հյուսիսում գտնվող խուլ փողոցները գնացի։ Հիշում էի, թե այդ թաղամասում ինչ֊որ տեղ թատերադերձակների մի քանի խանութներ կան։
 
Օրը ցուրտ էր․ դեպի հյուսիս տանող փողոցներով պաղ քամի էր փչում։ Ես արագ էի քայլում, որպեսզի ոչ ոք չհրմըշտեր ինձ։ Ամեն մի անցում վտանգավոր էր, և ամեն մի անցորդի վրա պետք էր աչալուրջ հսկել։ Մի մարդ, որի կողքով անցնում էի Բեդֆորդ֊Սթրիթի ծայրում, հանկարծ իմ կողմը դարձավ ու վրաս նետվեց, ինձ շպրտելով ճանապարհի մեջտեղը, ուր քիչ էր մնում անցնող հենսըմի անիվների տակ ընկնեի։ Շուրջս եղող կառապանները վճռեցին, թե մարդն ինչ֊որ նոպա էր ունեցել։ Այս պատահարն այնքան ընկճեց ինձ, որ Քովենթ֊Գարդըն շուկան գնացի և շնչասպառ ու դողահար նստեցի մանուշակների վաճառասեղանի մոտ։ Տեսա, որ հարբուխս կրկնվել էր․ քիչ անց ստիպվեցի հեռանալ այնտեղից, որպեսզի փռշտոցներս որևէ մեկի ուշադրությունը չգրավեին։
 
Ի վերջո հասա իմ որոնումների առարկային․ Դրյուրի֊Լեյնի նրբանցքներից մեկում, ճանճերի կեղտի մեջ կորած մի փնթի խանութ էր։ Ցուցափեղկում լցված էին թատերական զգեստներ, կեղծ ակնեղեն, կեղծամներ, հողաթափեր, դոմինոներ և թատերական լուսանկարներ։ Խանութը հնամենի էր, ցածլիկ ու մթին, իսկ վերևը բարձրանում էր չորսհարկանի տունը՝ խավար ու դժնյա։ Պատուհանից նայեցի և խանութում ոչ ոքի չտեսնելով ներս մտա։ Դռան բացվելուն պես ինչ֊որ զանգ սկսեց զրնգալ։ Դուռը բաց թողեցի և դատարկ մանեքենի կողքով անցնելով հեցահայելու ետևը մի անկյունում կանգնեցի։ Մոտավորապես մի րոպե ոչ ոք չեկավ։ Ապա ինչ֊որ սենյակից ծանր ոտնաձայներ լսվեցին և խանութում մի մարդ երևաց։
 
Պարզ ու հստակ որոշել էի իմ անելիքը։ Մտադիր էի տունը խցկվել, թաքնվել վերնահարկում և պատեհ առիթին սպասել, իսկ երբ ամեն ինչ կհանդարտվեր, լույս աշխարհ բերել կեղծամ, դիմակ, ակնոց ու կոստյում և հետո երևրալ մարդկանց մեջ, գուցե մի քիչ այլանդակ, բայց և այնպես ադամորդու կերպարանքով։ Ի միջի այլոց, այսպիսով կկարողանայի կողոպտել տան մեջ ձեռքիս տակ եկող դրամը։ Ներս մտնողը կարճլիկ, լղար ու կուզիկ մարդ էր, թավ հոնքեր ուներ, երկար բազուկներ և շատ կարճ ու թեք սրունքներ։ Ըստ երևույթին ընդհատել էի տանտիրոջ ճաշը։ Նա ակնապիշ շուրջը նայեց սպասողական արտահայտությամբ, որ տեղի տվեց զարմանքի և ապա՝ բարկության, երբ տեսավ, թե սենյակը դատարկ է։ «Գրողը տանի այդ լակոտներին»— մռլտաց նա, ապա դուրս գնաց և աջ ու ձախ նայեց։ Մի րոպե անց ետ եկավ, ջղայնացած՝ քացով տվեց դռանը և մրթմրթալով իր բնակարանը վերադարձավ։
 
Առաջ անցա, որ հետևեմ ծերուկին, բայց սա շարժվելուս շշուկը լսելով, քարացած կանգ առավ։ Ես էլ կանգ առա, հանկարծակիի գալով նրա լսողության սրությունից։ Ապա երեսիս չրխկացրեց տան դուռը։
 
Վարանած կանգ առա։ Հանկարծ լսեցի, որ արագ ոտնաձայները վերադառնում էին․ դուռը նորից բացվեց։ Նա շեմքում կանգնեց ու խանութի չորս կողմը նայեց, դեռևս որոշ կասկածներ ունեցողի արտահայտությամբ։ Ինքնիրեն մրթմրրթալով, ծերուկը զննեց վաճառասեղանի ետևը և աչքի անցկացրեց խանութի կահույքը։ Ապա տարակուսած կանգ առավ։ Նա բաց էր թողել տան դուռը, և ես ներքին սենյակը խցկվեցի։
 
Տարօրինակ խցիկ էր, խեղճուկրակ կահավորված, անկյունում խոշոր դիմակների մի կույտ։ Սեղանին տեսա նրա ուշացած նախաճաշը։ Ինձ համար, Քեմփ, ահռելիորեն ջղայնացուցիչ էր ստիպված լինել հոտոտել նրա սուրճը և աչալուրջ սպասել, մինչև նա կգար ու կշարունակեր ուտելը։ Հետո նրա ուտելու ձևն ինձ վրդովում էր։ Երեք դռներ էին բացվում սենյակում, մեկը վերնահարկ էր տանում, մյուսը՝ ներքնահարկ, բայց բոլորն էլ փակ էին։ Չէի կարող սենյակից դուրս գալ, այնքան ժամանակ, քանի նա այնտեղ էր, ոչ էլ կարող էի ամենաթեթև շարժումն անել, որովհետև չափից դուրս զգոն էր. իսկ իմ թիկունքում փչում էր միջանցուկ քամին։ Երկու անգամ ես ճիշտ ժամանակին խեղդեցի փռշտոցս։
 
Իմ ապրումների զգայացունց հանգամանքը նորություն էր ու հետաքրքրական, բայց և այնպես անտանելի հոգնած ու բարկացած էի ես, նախքան մարդուկը կվերջացներ նախաճաշը։ Բայց ի վերջո կշտացավ, պնակները տեղավորեց սև թիթեղե մատուցարանի վրա, թեյամանի կողքին և բոլոր փշրանքները հավաքելով մանանեխի արատներով զարդարված սփռոցի վրա, այդ ամենը հետը վերցրած, դուրս եկավ։ Բեռան պատճառով չկարողացավ ետևից փակել դուռը, ինչպես ակներևաբար ուզում էր։ Կյանքումս չեմ տեսել դուռ փակելու այսքան մոլի մարդու։ Նրա հետքերով գնացի ներքնահարկի կեղտոտ խոհանոցն ու լվացարանը։ Բավարարություն ունեցա դիտելու, թե նա ինչպես էր լվանում պնակները։ Հետո տեսնելով, թե այնտեղ մնալուս մեջ ոչ մի իմաստ չկար և կղմինդրե հատակը սառեցնում էր ոտքերս, վերնահարկ վերադարձա և նստեցի բուխարու կողքին զետեղված բազկաթոռին։ Կրակը հանգչելու վրա էր և ես, երկար֊բարակ չմտածելով, ածուխ գցեցի վրան։ Աղմուկի վրա ծերուկն իսկույն վեր թռավ և աչքերից կրակ ժայթքելով կանգնեց։ Նա չորս կողմը զննեց ու մազ մնաց դիպչեր ինձ։ Բայց նույնիսկ այդ քննությունը հազիվ թե բավարարեց նրան․ ուստի շեմքին կանգնեց ու մի վերջին անգամ էլ աչքի անցկացրեց սենյակը և ցած իջավ։
 
Փոքրիկ հյուրասենյակում սպասեցի մի ամբողջ դար, ի վերջո եկավ ու բաց արեց վերնահարկի դուռը։ Ես հազիվ կարողացա խցկվել նրա ետևից։
 
Սանդուղքի վրա հանկարծ կանգ առավ․ մազ մնաց զարնվեի նրան։ Գլուխը ետ դարձրած կանգնեց և ուղիղ դեմքիս նայելով ականջ դրեց․ «Պատրաստ եմ երդում ուտել․․․»— գոչեց նա։ Երկար մազմզոտ ձեռքով ճմկթեց ստորին շրթունքը և նայվածքը սանդուղքով վեր ու վար սահեցրեց։ Ապա ինչ֊որ քրթմնջաց ու վերնահարկ բարձրացավ։
 
Հազիվ էր ձեռքը բռնակին տարել, երբ դարձյալ կանգ առավ՝ շփոթված բարկության արտահայտությունը դեմքին։ Նա որսում էր իմ շարժումների ամենաթույլ խշշոցը։ Բացահայտ էր, մարդը սատանին վայել սուր լսողություն ուներ։ Հանկարծ կատաղություն եկավ վրան։ «Եթե այս տանը որևէ մեկը կա»— գոռաց նա լուտանքներ տեղալով, բայց սպառնալիքը կիսատ թողեց։ Ապա ձեռքը գրպանը տարավ, փնտրածը չգտավ և աղմկելով ու սայթաքելով կողքովս ցած թռավ կռվարար աքլորի պես։ Բայց ես չհետևեցի նրան։ Սանդուղքի գլխին նստած, վերադարձին սպասեցի։
 
Քիչ անց ծերուկը նորից հայտնվեց։ Շարունակ քրթմնջալով, նա բաց արեց սենյակի դուռը և ես ներս չմտած՝ դուռն երեսիս չրխկացրեց։
 
Որոշեցի հետախուզել տունը և ինչքան հնարավոր էր անձայն, որոշ ժամանակ այդ գործով զբաղվեցի։ Հնամենի ու խարխլած տուն էր, այնքան խոնավ որ ձեղնահարկում պաստառը պատերից պոկվում էր և ամեն կողմ առնետներ էին վխտում։ Դռների բռնակներից ոմանք այնքան կիպ էին, որ վախենում էի դարձնել։ Իմ աչքի անցկացրած սենյակներից մի քանիսը կահավորված չէին, մյուսներում թափթփված էին թատերական հնոտի կահույքներ, որոնք, ըստ երևույթին, երկրորդ ձեռքից էին գնված։ Ննջարանին կից սենյակում, հին հագուստների մի կույտ գտա։ Սկսեցի խառնշտել այդ բոլորը և այնքան տարվեցի, որ նորից մոռացա, թե ինչքան սուր էին տանտիրոջս ականջները։ Լսեցի գաղտագողի մի ոտնաձայն և ճիշտ ժամանակին գլուխս բարձրացնելով տեսա, որ նա ակնապիշ նայում էր տակնուվրա եղած կույտին և ձեռքում հնամենի մի ատրճանակ էր բռնել։ Բոլորովին անշարժ կանգնել էի, մինչ նա բերանաբաց ու կասկածոտ՝ չռել էր աչքերը։ «Երևի կինս էր»,— դանդաղ մռլտաց ծերուկը։― «Գրո՛ղը տանի նրան»։
 
Անշշուկ փակեց դուռը․ իսկույն լսեցի կողպեքի չրխկոցը, հետո էլ հեռացող ոտնաձայն երր։ Անդր ադարձա, թե ար դե լափակված էի։ Մի պահ դլուխս կորցրի* դոնից պատուհանի կողմը գնացի ու ետ դարձա և այլայլված կանգ առա։ Բարկության մի նոպա եկավ վրաս։ Բայց որոշեցի նախ և առաջ ղննւել հագուստները և ահա առաջին իսկ շարժումովս ցած գլորեցի վերին դարակի դեղը։ Այս աղմուկի վրա նա վերադարձավ, ավելի չարաշուք քան երբեք։ Այս անդամ ի սկսող ես դիպավ ինձ, ապշահար ետ ցատկեց և բերանաբաց կանգնեց սենյակի մեշտ եղը։
 
Բայց շուտով մի քիչ հանդարտ վեց։ «Առնետներն են» — ասաց կիսաձայն, մատները շրթներին տանելով։ Ակներևաբար մի քիչ վախեցել էր։ Անշշուկ սենյակից դուրս սպրդեցի, բայց հատակի տախտակներից մեկը ճռռաց։ Եվ ահա դժոխքի ծնունդ այդ անասունը ատրճանակը ձեռքում, սկսեց սենյակից սենյակ գնալ և դուռ դռան ետևից կողպել, գրպանելով բանալիներր։ Երբ գլխի ընկա, թե ինչ էր անում, կատաղության նոպաս բռնեց, չէի կարող զսպել ինձ և հարմար առիթին սպասել։ Այլևս գիտեի, որ նա տան մեջ մեն֊մենակ էր, ուստի առանց երկար֊բարակ մտածելու, գլխին հասցրի։
 
― Գլխին հասցրի՞ք,— բացականչեց Քեմփը։
 
― Այո՛, շշմեցրի ծերուկին, մինչ նա աստիճաններով ցած կիջներ։ Թիկունքից հարվածեցի հարթակի վրա գտնվող աթոռակով։ Նա սանդուղքով ցած գլորվեց, հին կոշիկներով լիքը պարկի պես։
 
― Բայց․․․ Լսե՛ք, մարդկային ամենատարրա կանսկզբունքներր․․․
 
— Շատ լավ են միմիայն հասարակ մարդկանց համար։ Խնդիրն այն էր, Քե՛մփ, ես պետք էր ծպտված դուրս գայի այդ տնից, և այնպես, որ նա ինձ չտեսներ։ Ուրիշ ճար չգտա։ Ապա բերանը փակեցի Լյուդովիկոս Տասնչորսերորդի ժամանակաշրջանի մի կամզոլով և սավանի մեջ կապկպեցի։
 
― Սավանի մեջ կապկպեցի՞ք...
 
― Մի տեսակ կապոց դարձրի նրան։ Ապուշին վախեցնելու և լռեցնելու միակ հնարքն էր դա. այդ կապոցի միջից դուրս գալը միայն սատանին է տրված, չէ՞ որ գլուխը հեռու էր կապերից։ Սիրելիդ իմ Քեմփ, կարիք չկա, որ այդպես նստեք և աչքներդ վրաս չռեք, ասես մարդասպան լինեմ։ Ես ստիպված էի այդպես վարվել։ Ի վերջո նա ատրճանակ ուներ։ Եվ եթե տեսներ ինձ, կկարողանար նկարագրել իմ արտաքինը։
 
― Բայց և այնպես,— ասաց Քեմփը,— Անգլիայում և այն էլ մեր օրերում․․․ Եվ հետո մարդն իր սեփական տան մեջ էր, իսկ դո՜ւք․․․ Դե դուք կողոպտում էիք․․․
 
― Կողոպտում էի՞։ Գրո՛ղը տանի։ Դուք դեռ ինձ գող էլ կկոչեք։ Հուսով եմ, Քե՛մփ, այնքան հիմար չեք լինի, որ հին երգով պար գաք։ Չե՞ք հասկանում իմ դրությունը։
 
― Այո՛, բայց նրանն էլ եմ հասկանում,— պատասխանեց Քեմփը։
 
Անտեսանելի Մարդը ընդոստ վեր կացավ։
 
― Ի՞նչ եք ուզում ասել․․․
 
Քեմփի դեմքը մի քիչ խստացավ։ Նա ինչ֊որ բան էր ասելու, բայց զսպեց իրեն։
 
― Ինձ թվում է՝ վերջ ի վերջո,— ասաց նա հանկարծ փոխելով շեշտը,— դուք ստիպված էիք այդպես վարվել։ Ձեր դրությունն անել էր։ Բայց և այնպես․․․
 
― Իհարկե անել էր իմ դրությունը, դժոխային էր իմ դրությունը։ Եվ հենց այդ ծերուկը կատաղեցրեց ինձ, ամբողջ տան մեջ ետևիցս ընկնելով․ ատրճանակը ձեռքում հիմարաբար ման էր գալիս՝ կողպելով ու բացելով դռները։ Պարզապես հոգիս բերանս բերեց։ Դուք ինձ չեք մեղադրում, չէ՞, դուք մեղադրո՞ւմ եք ինձ։
 
― Երբե՛ք, ես ոչ ոքի չեմ մեղադրում,— պատասխանեց Քեմփը։― Դա արդեն հնացած ձև է։ Հետո ի՞նչ արեցիք։
 
― Ես քաղցած էի։ Ներքնահարկում մի ամբողջ բոքոն գտա և մի քիչ էլ կծվահամ պանիր, որ ավելի քան բավական էր ինձ կշտացնելու համար։ Ապա մի քիչ ջրախառն բրենդի խմեցի և բարձրացա իմ հանպատրաստից կապոցի մոտ։ Նա շատ հանգիստ պառկել էր։ Հետո անցա հին հագուստների սենյակը, որ փողոցին էր նայում։ Պատուհանները ծածկող ժանյակե վարագույլձները կեղտից սրճագույն էին դարձել։ Մոտեցա և վարագույրների բացվածքներից դուրս նայեցի․ պայծառ եղանակ էր, շլացուցիչ կերպով պայծառ, ճիշտ հակառակը՝ իմ այցելած չարաշուք տան խավար ստվերին։ Փողոցում աշխույժ երթևեկություն կար — մրգասայլեր, մի հենսըմ, արկղների մի ամբողջ կույտ փոխադրող մի քառանիվ և ձկնավաճառի սայլակը։ Աչքերս շաղվեցին և ես դարձա մթնշաղի մեջ թաղված դարակներին։ Ջղագրգռությունս դարձյալ տեղի էր տալիս իմ դրության պարզ ու հստակ հասկացողությանը։ Ամբողջ սենյակը բռնել էր բենզինի հոտը, որ ըստ երևույթին գործածել էին հագուստները մաքրելիս։
 
Սկսեցի իրար ետևից խուզարկել սենյակները։ Պարզ երևվում էր, որ կուզիկը վերջերս մեն֊մենակ էր ապրել այդ տանը։ Տարօրինա՜կ մարդ․․․ Ամեն ինչ, որ կարող էր ինձ պետք գալ, հավաքեցի այն սենյակում, որտեղ պահվում էին հագուստները, իսկ հետո մանրակրկիտ ընտրություն կատարեցի։ Գտա ձեռքի մի պայուսակ, որ կարող էր շատ պիտանի լինել ինձ, ինչպես նաև պուդրի, կարմիր շպար և ինչ֊որ կպչուն սպեղանի։
 
Մտադրել էի ներկ ու պուդրի քսել դեմքիս և մարմնիս բոլոր այն մասերին, որոնք պետք էր երևային, որպեսզի տեսանելի դառնայի, բայց անպատեհությունն այն էր, որ բևեկնիի յուղի և ուրիշ նյութերի ինչպես նաև բավականաչափ Ժամանակի պետք պիտի ունենայի, նախքան կկարողանայի նորից աներևութանալ։ Ի վերջո ճարեցի ավելի լավ տեսակի մի դիմակ, ճիշտ է՝ մի քիչ ծիծաղաշարժ, բայց ոչ այնքան, որքան մարդկային շատ դեմքեր, ինչպես նաև սև ակնոց, ալեխառն այտամորուքներ և կեղծամ։ Սպիտակեղեն չգտա, բայց հետո կարող էի գնել․ առժամապես փաթաթվեցի քաթանե դոմինոներով և սպիտակ քաշմիրե շարֆերով։ Գուլպա չկարողացա գտնել, բայց կուզիկի կոշիկները ոտքովս էին․ լայն էին, բայց գործս տեսնում էին։ Խանութում գտնվող գրասեղանում երեք սովերեն և մոտ երեսուն շիլինգի չափ արծաթ փող, իսկ ներքին սենյակում՝ կողպված պահարանը ջարդելով ութը ֆունտ ոսկեդրամ գտա։ Այլևս կազմ ու պատրաստ էի դարձյալ մարդկանց մեջ մտնելու։
 
Հետո տարօրինակ մի վարանում ունեցա։ Արդյոք իմ արտաքինը իսկապես մարդավայե՞լ էր։ Ինքս ինձ աչքի անցկացրի ննջարանի հայելու մեջ, ամեն մի տեսանկյունից զննելով, տեսնելու թե որևէ բան բաց չէի՞ թողել։ Բայց, ինչպես երևում էր, ամեն ինչ կարգին էր։ Թատերական չափանիշով ծիծաղաշարժ էի, բեմի վայել մի չքավոր, բայց իհարկե քիչ թե շատ տանելի կերպարանք ունեի։ Ինքս ինձ վստահություն ներշնչելով, հայելին խանութ տարա և անկյունում տեղավորված հեցահայելու առաջ բոլոր կողմերից զննեցի ինձ։
 
Մի քանի րոպեում սրտապնդվեցի, բացեցի դուռը և փողոց դուրս եկա, թողնելով, որ մարդուկը քեֆն ուզած ժամանակ դուրս գա սավանի միջից։ Հինգ րոպեում տասնյակ խաչմերուկներով անցա։ Ոչ ոք նկատելի մի ուշադրություն չէր դարձնում վրաս։ Թվում էր՝ հաղթահարել էի վերջին դժվարությունս։
 
Դարձյալ լռեց Անտեսանելի Մարդը։
 
― Եվ դուք կուզիկին իր բախտի՞ն թողեցիք,— հարցրեց Քեմփը։
 
― Այո՛,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։— Ոչ էլ լսեցի, թե ի վերջո ինչ եղավ։ Երևի կապերը քանդեց կամ էլ գալարվելով դուրս ընկավ։ Հանգույցները բավական ամուր էին։
 
Նա լռեց և պատուհանին մոտենալով դուրս նայեց։
 
― Իսկ ի՞նչ պատահեց, երբ Սթրենդ գնացիք։
 
― Դե դարձյալ հիասթափություն․․․ Կարծում էի՝ չարչարանքներս վերջ էին գտել։ Կարծում էի՝ կարող էի անպատիժ անել ամեն ինչ, որ ուզում էի, միայն թե գաղտնիքս պահեի։ Այդպես էի կարծում։ Ինչ էլ անեի, արածս ինչ հետևանքներ էլ ունենար, մեկ չէ՞ր ինձ համար։ Բավական էր դեն շպրտեի հագուստներս և չքանայի։ Ոչ ոք չէր կարողանա բռնել ինձ։ Հանդիպած տեղս կարող էի դրամ վերցնել։ Եվ ահա որոշեցի ինքս ինձ պատվել մի հոյակապ խնջույքով, ապա տեղավորվել մի լավ հյուրանոցում և ձեռք բերել ինձ համար անհրաժեշտ ունեցվածքը։ Զարմանալիորեն ինքնավստահ էի․․․ Մի ճաշարան գնացի և սկսեցի ճաշ պատվիրել, երբ հանկարծ գլխի ընկա, որ եթե անտեսանելի դեմքս բաց չանեի, չէի կարողանա ուտել։ Վերջացրի պատվերս, մատուցողին ասացի, թե տասը րոպեից կվերադառնամ ու ջղագրգռված դուրս եկա։ Չգիտեմ, երբևէ սովահար վիճակում այդպես հիասթափվե՞լ եք։
 
— Ո՛չ այդ կերպ,— պատասխանեց Քեմփը,— բայց կարող եմ պատկերացնել․․․
 
― Ես պատրաստ էի սպանել այդ տխմարներին։ Ի վերջո, համով մի ճաշի համար զգացած քաղցից ուժասպառ, մի ուրիշ ճաշարան գնացի և առանձին սենյակ պահանջեցի։ «Դեմքս այլանդակվել է» — ասացի ես,— «ծանր վերքերից»։ Հետաքրքրությամբ ինձ նայեցին, բայց իհարկե, դա նրանց չէր վերաբերում, և այսպես, վերջապես ճաշեցի։ Սպասարկումն այնքան էլ լավ չէր, բայց և այնպես բավարարեց ինձ։ Երբ մի լավ կշտացա, շատ հանգիստ վայելեցի սիգարս, աշխատելով գործունեության ծրագիր կազմել։ Իսկ դրսում մի ձյունամրրիկ էր սկսվել։
 
Ինչքան մտածեցի այդ մասին, Քե՛մփ, այնքան ավելի համոզվեցի, թե խիստ անօգնական ու անհեթեթ է անտեսանելի մարդու վիճակը ցուրտ ու խոնավ կլիմայում, խճողված ու քաղաքակիրթ քաղաքում։ Նախքան այս խելագար փորձարկությունն անելս, երազել էի հազար ու մի առավելությունների մասին։ Այդ օրը ամեն ինչից հիասթպփվեցի։ Մեկ առ մեկ մտաբերեցի այն ամենը, որ ցանկալի են մարդու համար։ Կասկած չկա, անտեսանելիությունը հնարավոր է դարձնում ձեռք բերել դրանք, բայց անհնար է դարձնում վայելել, երբ արդեն ձեռք են բերված։ Փառասիրությո՜ւն․․․ Ի՞նչ իմաստ ունի որևէ դիրքի համար քո հպարտությունը, երբ չես կարող երևալ այնտեղ։ Ի՞նչ իմաստ ունի կնոջ սերը, երբ նրա անունը Դալիլա է լինելու։ Ինձ չի հետաքրքրել քաղաքականությունը, ոչ էլ կասկածելի ժողովրդականությունը և կամ բարեգործությունն ու սպորտը։ Էլ ինչ էր մնում ինձ։ Եվ ասե՜լ, թե սրա համար ես դարձել էի սքողված մի գաղտնիք, մարդկային մի ծաղրանկար, բարուրված Ու կապկպված։
 
Նա կանգ առավ, կեցվածքից երևում էր, որ պատուհանից դուրս՝ չորս կողմն էր պտտեցնում նա յվածքը։
 
― Բայց ինչպե՞ս ընկաք Այպինգ,— հարցվեց Քեմփը, որ ճիգ էր թափում անընդհատ խոսեցնել հյուրին։
 
― Աշխատելու գնացի այնտեղ։ Մի հույս ունեի, դեռևս տարտամ մի միտք։ Հիմա էլ ունեմ, բայց արդեն լրիվ հասունացել է։ Վերադարձի ճանապարհը գտնելն էր դա, հինը վերականգնելը, երբ ուզենայի, երբ ավարտեի այն ամենն ինչ ուզում էի անել անտեսանելի վիճակում։ Եվ հիմա գլխավորապես հենց այդ մասին եմ ուզում խոսել ձեզ հետ։
 
― Ուղղակի Այպի՞նգ գնացիք։
 
― Այո։ Ես ստացա նշումների երեք հատորներս և չեկի գրքույկս, սպիտակեղեն և ուրիշ անհրաժեշտ իրեր։ Պատվեր տվեցի միտքս իրագործելու անհրաժեշտ քիմիական նյութերի համար (ձեզ ցույց կտամ հաշվումներս, հենց որ ձեռք բերեմ գրքերս) և հետո ճանապարհ ընկա։ Աստվա՜ծ իմ, տակավին հիշում եմ ձյունամրրիկը և իմ քաշած անիծած տանջանքը, երբ փորձում էի քիթս փրկել ձյան տակ թրջվելու վտանգից։
 
― Ի վերջո,— հարեց Քեմփը,— նախանցյալ օր, երբ ձեզ հայտնաբերեցին, թերթերից դատելով, մի քիչ...
 
― Այո՛, մի քիչ․․․ Այդ հիմարի գլուխ ոստիկանի հաշիվը մաքրեցի՞, թե չէ։
 
― Ո՛չ,— պատասխանեց Քեմփը։― Ասում են՝ լավանում է։
 
― Բախտը բանել է։ Ես կարգին կատաղեցի այդ հիմարների դեմ։ Ինչո՞ւ ինձ հանգիստ չէին թողնում։ Իսկ այդ բռի նպարավաճա՞ռը...
 
― Ո՛չ մի մահ չի նախատեսվում,— ասաց Քեմփը։
 
― Իմ թափառաջրջիկի մասին ոչինչ չգիտեմ,— ասաց Անտեսանելի Մարդը տհաճ ծիծաղով։— Երկինքը վկա, Քեմփ, դուք չգիտեք՝ ինչ բան է կատաղությունը։ Տարիներով աշխատե՜լ, ծրագրեր ու դավեր մշակե՜լ, իսկ հետո ինչ֊որ անբան ու անմիտ մի ապուշ քո ճամփան կտրի՜․․․ Աշխարհի երեսին ստեղծված բոլոր տեսակի տխմար արարածները ուղարկվեցին խանգարելու ինձ։ Եթե այսպես շարունակվի, բոլորովին կգազազեմ ու կսկսեմ հնձել դրանց։ Առանց այդ էլ գործս հազարապատիկ դժվարացրին։
 
― Ինչ խոսք, որ ջղայնացուցիչ է,— ասաց Քեմփը սառնորեն։
== Գլուխ քսանչորսերորդ։ Ձախողված ծրագիրը ==
 
— Իսկ հիմա,— ասաց Քեմփը, պատուհանից դուրս մի թեք նայվածք նետելով,— ի՞նչ եք անելու։
 
Խոսելիս նա մոտեցավ հյուրին, որպեսզի սա չկարողանար նշմարել բլուրն ի վեր անթույլատրելի դանդաղությամբ (ինչպես թվում էր Քեմփին) բարձրացող երեք մարդկանց։
 
― Ի՞նչ էիք մտադիր անել, երբ դեպի Փորթ-Բարդոք էիք սլանում։ Որևէ ծրագիր ունեի՞ք։
 
― Ուզում էի արտասահման չքվեի բայց ձեզ հանդիպելով փոխեցի որոշումս։ Հիմա որ ե ղանակը տաք է և անտ եսանելի մնալն էլ հեշտ, մ տ ածում էի' ամենալավն այն կլինի' ճանապարհ րնկնեմ դեպի Հարավ։ Մանավանդ որ գաղտնիքս այլևս բացվել էր և ամեն ոք աչալուրջ փնտրելու էր դիմակավոր ու վւաթաթված մարդուն։ Իսկ այստեղից Ֆրանսիա անրնդհատ երթևե կում են մի շարք շո գեն ա վեր։ Միտքս Դրանցից մեկը բարձրանալն էր} աչքս առնելով նման ճանապարհորդության հետ կապված վտանգները։ Այնտեղից կկարողանւսյի գնացքով Ւսպանիա անցնել, կամ էլ Ալժիր ճանապարհվել։ Դա դժվար Լէր էինԻ։ Այնտեղ մարդ կարող է միշտ էլ անտեսանելի մնալ ու չսառչել և հետո, սրտի ուզածն անել։ Այդ թափառաջրջիկին գանձարկղս ու բեռնակիրս էի դարձրել, մինչև կորոշեի, թե ինչպես էի դասավորելոլ իմ ղրքերի և մյուս իրերի առաքում ը իմ հասց եով,
 
— Պարզ է։
 
― Եվ հանկարծ այդ կեղտոտ անասունի խելքին փչեց կողոպտել ինձ։ Նա թաքցրել է գրքերս, Քե՛մփ, թաքցրել գրքերս․․․ Ա՜խ, մի անգամ ձեռքս ընկնե՜ր․․․
 
― Բայց ամենից առաջ պետք է նրանից պոկել գրքերը։
 
― Իսկ որտե՞ղ է նա, գիտե՞ք։
 
― Քաղաքի ոստիկանատանն է, իր իսկ խնդրանքով փակվել է ամենաամուր զնդանում։
 
― Լակոտը,— գոչեց Անտեսանելի Մարդը։
 
― Դա մի քիչ կխափանի ձեր ծրագիրը։
 
― Մենք պետք է ձեռք բերենք այդ գրքերը․ դրանք անհրաժեշտ են։
 
― Իհարկե,— անհանգիստ պատասխանեց Քեմփը, որին թվաց, թե դրսից ոտնաձայն է լսվում։— Իհարկե, մենք պետք է ձեռք բերենք այդ գրքերը։ Բայց դա հեշտ կլինի, եթե նա չիմանա, թե ձեզ համար են պահանջվում։
 
― Ճի՛շտ է,— պատասխանեց Անտեսանելի Մարդը և մտքերի մեջ թաղվեց։
 
Քեմփն աշխատեց մի ուրիշ խոսք բացել նրան խոսեցնելու համար, բայց Անտեսանելի Մարդն ինքը վերսկսեց զրույցը։
 
― Այսպես պատահաբար ձեր տունն ընկնելս, Քեմփ, փոխում է իմ ծրագիրը։ Դուք հասկացող մարդ եք։ Հակառակ մինչև հիմա պատահածներին, հակառակ իմ գաղտնիքի հրապարակվելուն, գրքերիս կորսվելուն, հակառակ իմ կրած տանջանքներին, դեռևս հնարավորություններ կան, վիթխարի հնարավորություններ․․․ Դուք ոչ ոքի չե՞ք ասել, թե այստեղ եմ,— հարցրեց նա հանկարծ։
 
Քեմփը վարանեց։
 
― Դա ինքնըստինքյան հասկանալի է,— պատասխանեց նա։
 
― Ոչ ոքի՞,— պնդեց Գրիֆինը։
 
― Ո՛չ մի հոգու։
 
― Դե, այդ դեպքում...— Անտեսանելի Մարդը ձեռքերը կանթած սկսեց չափչփել սենյակը։
 
― Ես մի սխալ արեցի, Քեմփ, վիթխարի մի սխալ, որ մենմենակ ձեռնարկեցի այս գործը։ Ուժ, ժամանակ ու պատեհ առիթներ վատնեցի։ Մենա՜կ․․․ Զարմանալի է, ինչքան քիչ բան կարող է անել մարդ, երբ մենակ է։ Մի քիչ գողանալ, սրան֊նրան ծեծել և վերջ․․․
 
Քե՛մփ, ինձ հարկավոր է մի թիկունք, օգնական և թաքստոց, այնպիսի մի համաձայնություն, ըստ որում կարողանամ ուտել ու հանգստանալ անվրդով, առանց կասկած արթնացնելու։ Ինձ դաշնակից է պետք։ Հենց որ դաշնակից ունենամ, ուտելիք և հանգիստ ունենամ, հազար ու մի բաներ հնարավոր կդառնան։ Մինչև հիմա գործել եմ ինչպես պատահել է․․․ Մինչդեռ մենք պետք է նկատի առնենք այն ամենն ինչ կտա անտեսանելիությունը և այն ամենն ինչ չի տա։ Անտեսանելիությունը շատ քիչ առավելություն կտա ուրիշների խոսակցություններին գաղտնի ականջ դնելու և նմանօրինակ բաների համար, քանի որ մարդ աղմկում է։ Տուն կողոպտելուն օգնում է, բայց քիչ, շատ քիչ։ Մի անգամ, որ ինձ բռնես, շատ հեշտ կարող ես բանտարկել։ Միայն թե ինձ բռնելը դժվար է։ Փաստորեն այս անտեսանելիությունը պիտանի է երկու դեպքում․ խույս տալու և գաղտագողի մոտենալու համար։ Ուստի, շատ պիտանի է սպանության համար։ Դիմացինս ինչ զենք էլ ունենա, կարող եմ շուրջը պտտվել, թույլ կետը գտնել և հարվածել ուզածիս պես, թաքնվել ուզածիս պես, փախչել ուզածիս պես․․․
 
Քեմփի ձեռքը դեպի բեղը գնաց։ Նրան թվաց, թե ներքևում ինչ֊որ շարժում կար։
 
― Եվ մենք պետք է սպանություններ կատարենք, Քե՛մփ։
 
— Մենք պետք է սպանություններ կատարենք,— կրկնեց Քեմփը։— Ես լսում եմ ձեր ծրագիրը, Գրիֆին, բայց լավ իմացեք, չեմ համաձայնում ձեզ հետ։ Ինչո՞ւ սպանել․․․
 
— Ոչ թե անարգորեն սպանել, այլ արդարամտորեն վերացնել մեջտեղից։ Փաստն այն է՝ նրանք գիտեն, թե մի Անտեսանելի Մարդ կա, ճիշտ ինչպես, որ մենք գիտենք այդ։ Եվ այդ Անտեսանելի Մարդը, Քեմփ, պիտի Սարսափի իշխանություն հաստատի։ Ինչ խոսք, որ դա զարմացնում է ձեզ։ Բայց ես լուրջ եմ խոսում՝ Սարսափի իշխանություն։ Նա պիտի վերցնի որևէ քաղաք, ասենք հենց Բարդոքը և ահաբեկի ու իշխի նրան։ Իր հրամանները պիտի արձակի։ Եվ նա կարող է այդ անել հազար ու մի ձևերով. ասենք դռների տակ թղթի կտորներ խցկելն էլ բավական է։ Պիտի սպանի իր հրամաններին չհնազանդողին, ինչպես պիտի սպանի անհնազանդին պաշտպանողին։
 
― Հը՛մ,— մրթմրթաց Քեմփը, որ այլևս չէր լսում Գրիֆինին, այլ ականջ էր դնում մուտքի դռան բացվելու և փակվելու, ձայնին։— Ինձ թվում է, Գրիֆին,— ասաց նա անուշադրություննը քողարկելու համար,— ձեր դաշնակիցը շատ դժվարին դրության մեջ կընկնի։
 
― Ո՛չ ոք չի իմանա, թե նա իմ դաշնակիցն է,— տաքացավ Անտեսանելի Մարդը։ Հետո, հանկարծ գոչեց.— Սը՜սսս... Ներքնահարկում այդ ինչ է կատարվում․․․
 
― Ո՛չ մի բան— պատասխանեց Քեմփը և հանկարծ սկսեց բարձրաձայն ու արագ֊արագ վրա տալ։— Ես չեմ համաձայնում ձեր ասածին, Գրիֆին, հասկացե՛ք ինձ, չեմ համաձայնում։ Ինչո՞ւ եք երազում այդ խաղը խաղալ ամբողջ մարդկային ցեղի դեմ։ Ինչպե՞ս կարող եք հուսալ թե այդ կերպ երջանկության կհասնեք։ Միայնակ գայլի դեր մի՛ խաղաք։ Հրապարակեցեք ձեր հայտնագործությունը։ Գոնե ձեր ազգի առաջ բացեք ձեր գաղտնիքը։ Մտածեցեք, ինչե՜ր չեք կարողանա անել միլիոնավոր օգնականներով․․․
 
— Աստիճանների վրա ոտնաձայներ կան,— ասաց նա շշնջալով։
 
― Դատարկ խոսք,— ասաց Քեմփը։
 
― Տեսնե՛մ,— ասաց Անտեսանելի Մարդը և ձեռքը մեկնած՝ դռանը մոտեցավ։
 
Քեմփը մի ակնթարթ վարանեց, ապա առաջ անցավ, որ կտրի նրա ճանապարհը։ Անտեսանելի Մարդը ցնցվեց ու տեղում գամվեց։
 
― Դավաճա՜ն,— գոռաց Ձայնը․ հանկարծ ցայգազգեստը բացվեց և Անտեսանելին բազկաթոռին նստելով սկսեց հանվել։ Քեմփը երեք շտապ քայլ արեց դեպի դուռը. իսկույն Անտեսանելի Մարդը, որի սրունքներն անհետացել էին, ճչալով ոտքի նետվեց։ Քեմփը կրնկի վրա բացեց դուռը։
 
Շտապող ոտքերի դոփյունն ու խոսակցության ձայներ լսվեցին ներքևից։
 
Արագ շարժումով, Քեմփը ետ հրեց Անտեսանելի Մարդուն, միջանցք նետվեց և շրխկացրեց գուռը։ Բանալին դրսում էր ու պատրաստ էր։ Մի ակնթարթ ևս և Գրիֆինը կաբինետում մեն֊մենակ կբանտարկվեր։ Միայն մի փոքր բան խանգարեց։ Այդ առավոտ բանալին շտապ էր դրվել կողպեքի մեջ, ուստի հենց որ Քեմփը շրխկացրեց դուռը, բանալին աղմուկով ընկավ կարպետի վրա։
 
Քեմփի դեմքը մեռելի գույն ստացավ։ Նա երկու ձեռքով կառչեց դռան բռնակից։ Ամուր կանգնած՝ քաշում էր։ Ապա դուռը մի վեց մատնաչափ բացվեց։ Բայց դարձյալ գոցվեց։ Երկրորդ անգամ, ուժեղ մի ցնցումով գրեթե մի ոտնաչափ բացվեց, և ցայգազգեստը սկսեց խցկվել այդ բացվածքը։ Անտեսանելի մատները սեղմեցին Քեմփի կոկորդը, և նա ինքն իրեն պաշտպանելու համար բաց թողեց դռան բռնակը։ Ապա հրվեց, սայթաքեց և ուժով շպրտվեց հարթակի անկյունը։ Դատարկ ցայգազգեստը նետվեց նրա գլխին։
 
Սանդուղքի կեսին կանգնել էր Բարդոքի ոստիկանապետը՝ գնդապետ Էդայը և սահմռկած նայում էր անակնկալորեն հայտնվող Քեմփին և նրա ետևից օդի մեջ ինքն իրեն սավառնող դատարկ ցայգազգեստի արտասովոր պատկերին։ Էդայը տեսավ, թե ինչպես Քեմփը գետնով տրվեց և մեծ դժվար ությամբ ոտքի կանգնեց։ Տեսավ, թե ինչպես դեպի առաջ խոյացավ և ապա նորից ընկավ, ասես մի եզ էին զգետնում։
 
Եվ հանկարծ մի ուժեղ հարված ստացավ։ Ոչնչից․․․ Թվում էր մի մեծ ծանրություն նետվեց վրան և ինքը թավագլոր շպրտվեց սանդուղքն ի վար։ Ինչ֊որ ձեռք սեղմեց կոկորդը և մի ծունկ հարվածեց ցայլքը։ Անտեսանելի մի ոտք կոխկրտեց իր թիկունքը, ուրվային մի դոփյուն անցավ սանդուղքով․ նա լսեց նախասրահում գտնվող երկու ոստիկանների գոռում֊գոչյունը, վազվզուքի աղմուկը և մուտքի դռան աղմկալից չրխկոցը։
 
Գնդապետ Էդայը գլորվեց և ակնապիշ նստեց հատակին։ Նա տեսավ տատանվելով սանդուղքն ի վար իջնող Քեմփին, որ փոշոտ էր ու գզգզված, մի այտը ուժեղ հարվածից ճեփ֊ճերմակ էր և շրթներից արյուն էր հոսում։ Ձեռքերում վարդագույն մի ցայգազգեստ և ինչ֊որ ներքնաշորեր կային։
 
― Աստվա՜ծ իմ,— գոչեց Քեմփը։— Խաղը տանուլ տվինք։ Նա չքվեց...
== Գլուխ քսանհինգերորդ։ Անտեսանելի Մարդու հետապնդումը ==
 
Մի պահ Քեմփն այնքան կցկտուր էր խոսում, որ Էդայը ոչինչ չհասկացավ հենց նոր պատահած սրընթաց դեպքերից։ Երկուսն էլ կանգնել էին հարթակի վրա. Քեմփն արագ խոսում էր, Գրիֆինի վայելչագեղ ներքնաշորերը ձեռքում։ Բայց ի վերջո Էդայն ըմբռնեց, թե ինչպիսի դրություն էր ստեղծվել։
 
― Նա խելագարված է,— ասաց Քեմփը,— մարդկային ոչինչ չունի․ բացարձակ եսամոլ է։ Սեփական օգուտից, սեփական անվտանգությունից բացի, ոչ մի բան հաշվի չի առնում։ Դաժան մորթապաշտության այդ ի՜նչ խոսքեր լսեցի այս առավոտ նրա բերանից․․․ Քանիսի՜ն է վիրավորել․․․ Նա շատերի կսպանի, եթե արգելք չհանդիսանանք։ Խուճապ կստեղծի, ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ Եվ հիմա ազատ է ու մոլեգնած․․․
 
― Մի բան պարզ է,— ասաց Էդայը,— պետք է բռնել նրան։
 
― Բայց ինչպե՞ս,— գոչեց Քեմփը և հանկարծ բարեբաստտիկ մտքեր ծագեցին նրա գլխում։— Դուք պետք է հենց հիմա գործի անցնեք։ Պետք է մինչև վերջին մարդուն ոտքի հանեք ու չթողնեք, որ նա հեռանա այս շրջանից։ Մի անգամ, որ ծլկեց, այստեղից, սրտի ուզածի պես ոտի տակ կտա գյուղերը, սպանելով ու խեղելով մարդկանց։ Նա երազում է սարսափի իշխանության մասին։ Սարսափի իշխանություն, ասում եմ ձեզ․․․ Դուք պետք է հսկողություն հաստատեք գնացքների, ճանապարհների և նավերի վրա։ Կայազորը պետք է աջակցի ձեզ։ Հեռագրեցե՛ք, թե նրանց աջակցության կարիքն եք զգում։ Միակ բանը, որ կարող է այստեղ պահել Գրիֆինին, նրա համար մեծ արժեք ներկայացնող մի քանի գրքեր ձեռք գցելու փափագն է։ Այդ մասին հետո կպատմեմ։ Ձեր ոստիկանատանն ինչ֊որ մարդ կա, Մարվըլ անունով։
 
― Գիտե՛մ,— ասաց Էդայը,— գիտե՛մ։ Այդ գրքերը․․․ Այո՛, այո՛․․․
 
― Եվ դուք չպետք է թողնեք, որ նա ուտի կամ քնի։ Գիշեր֊ցերեկ մարդիկ պետք է աչալուրջ լինեն։ Պետք է կողպեքի տակ պահվեն մթերքները,— բոլոր մթերքները, այնպես, որ նա ստիպվի փականքները ջարդելով ձեռք բերել դրանք։ Պետք է ամենուրեք դռները փակվեն նրա առաջ։ Ուր էր՝ երկինքը ցուրտ գիշերներ ու անձրև տար մեզ։ Մեծ, թե փոքր, ամեն մարդ պետք է մասնակցի այս որսորդությանը և դա առանց դուլ ու դադարի։ Ես ձեզ բան եմ ասում, Էդայ, նա մե՛ծ վտանգ է մեզ համար, աղետ է․ մինչև չբռնվի ու չարգելափակվի, պարզապես երկյուղալի է մտածել, թե ինչեր, չեն կարող պատահել․․․
 
― Ուրիշ ի՞նչ կարող ենք անել,— հարց տվեց Էդայը։— Իսկույն գրասենյակ կգնամ ու կսկսեմ կազմակերպել գործը։ Իսկ ինչո՞ւ դուք էլ չգաք։ Այո՛, դուք էլ եկեք։ Եկե՜ք․ մենք պետք է մի տեսակ պատերազմական խորհրդի նիստ գումարենք, Հոփսին էլ օգնության կանչենք, ինչպես նաև երկաթգծի ղեկավարներին։ Ցուպիտերը վկա, սա շտապ գործ է։ Ինձ հետ եկեք. ճանապարհին ամեն ինչ կպատմեք։ Ուրիշ ինչ անենք լավ կլինի։ Դե դուք էլ ցած դրեք այդ զզվելի շորերը․․․
 
Մի րոպե անց Էդայն ու Քեմփը աստիճաններով ցած իջան։ Մուտքի դուռը նրանք բաց գտան, իսկ ոստիկանները դրսում կանգնած ակնապիշ գիտում էին դատարկությունը։
 
— Փախավ, սը՛ր,— զեկուցեց նրանցից մեկը։
 
― Պետք է իսկույն կենտրոնական ոստիկանատուն գնանք, ասաց Էդայը։— Ձեզնից մեկը թող գնա կառք ճարի ու գա վերցնի մեզ և իսկույն․․․ Իսկ դուք, Քեմփ, էլ ի՞նչ կասեք։
 
― Շներ,— պատասխանեց Քեմփը,— շներ ճարեցեք․ չեն տեսնի նրան, բայց հոտը կառնեն։ Շներ ճարեցեք։
 
― Շա՛տ բարի— համաձայննg Էդայը։— Ոչ ոք չգիտե, Բայց Հոլսթեդի բանտապահների մեջ կա մի մարդ, որ խուզարկու շներ ունի։ Այդպես ուրեմն, շներ։ Է՛լ ինչ։
 
― Նկատի ունեցե՛ք,— պատասխանեց Քեմփը,— որ նրա կերածն երևում է։ Ուտելուց հետո կերածն երևում է մինչև մարսվելը։ Ուտելուց հետո ստիպված է լինում թաքնվել։ Դուք պետք է խուզարկեք ամեն մի թուփ, ամեն մի ետ ընկած անկյուն։ Պետք է մեջտեղից վերցնել բոլոր զենքերը և ամեն մի գործիք, որ կարող է զենքի տեղ ծառայել։ Նման բաները երկար ժամանակ կրել չի կարող։ Եվ ամեն ինչ, որ կարող է խլել և հարվածել մարդկանց, պետք է թաքցվի։
 
― Այդ էլ կանենք,— զոչեց Էդայը։— Մենք դեռ կբռնենք նրան։
 
― Իսկ ճանապարհների վրա․․․— ասաց Քեմփն ու վարանեց։
 
― Հետո՞․․․— հարց տվեց Էդայը։
 
― Մանրած ապակի շաղ տալ,— պատասխանեց Քեմփը։— Գիտե՛մ, անգթություն կլինի։ Բայց երբ մարդ մտածում է, թե նա ինչեր չի կարող անել։
 
Էդայը սվսվացնելով ատամների արանքով ներս քաշեց օդը։
 
― Չգիտեմ՝ արդյոք ստորություն չի լինի դա։ Բայց էլի կպատվիրեմ, որ մանրած ապակին պատրաստ ունենան։ Եթե նա չափ ու սահմանն անցնի․․․
 
― Ասում եմ ձեզ, այլևս մարդկային ոչինչ չունի,— հարեց Քեմփը։— Վստահ եմ՝ իր սարսափի իշխանությունը կհաստատի, հենց որ անցնի փախուստից առաջացած հուզմունքը․ այդ մասին այնքան վստահ եմ, ինչքան վստահ եմ, որ հենց հիմա ձեզ հետ եմ խոսում։ Մեր միակ ճարը նրան կանխելն է։ Մարդկության հետ բոլոր կապերը խզել է։ Իր արյան մեղքը՝ իր վիզը․․․
== Գլուխ քսանվեցերորդ։ Ուիքսթիդի սպանությունը ==
 
Ըստ երևույթին, Անտեսանելի Մարդը կուրորեն մոլեգնած էր, երբ դուրս խուժեց Քեմփի տնից։ Դարպասի մոտ խաղացող մի փոքրիկ տղա կատաղորեն խլվեց դետնից, դեն շպրտվեց, և սրունքը կոտրվեց։ Հետո ամբողջ մի քանի ժամ նա հեռու մնաց մարդկային զգայարանների իրավասությունից։ Ոչ ոք չգիտե՝ ո՛ւր գնաց ու ինչեր արեց։ Բայց կարելի է երևակայել, թե հունիսյան այդ շոգ առավոտյան ինչպես էր շտապում բլուրն ի վեր՝ դեպի Փորթ֊Բարդոքի ետևը փռված կավճային սարահարթը, հուսահատորեն անիծելով անտանելի բախտը և ի վերջո քրտնած ու հոգնած պատսպարվելով Հինթոնգինի թփերի մեջ, իր նմանների դեմ ի մի բերելու հողմացրիվ ծրագրերը։ Ամենայն հավանականությամբ, դա է եղել նրա ապաստարանը, որովհետև հենց այնտեղ էլ ցերեկվա ժամը երկուսի մոտերքը զգալ տվեց իր գոյությունը և դա չափազանց չարագուշակ ու ողբերգական եղանակով։
 
Հետաքրքրական է՝ այդ ժամանակ ինչպիսին էր եղել Անտեսանելի Մարդու հոգեվիճակր, ինչ ծրագրեր էր մշակել։ Անկասկած՝ կատաղորեն ջղայնացել էր Քեմփի դավաճանության դեմ ու թեև հասկանում ենք այն շարժառիթները, որոնք նրան այս խաբեության մղեցին, կարող ենք պատկերացնել և մինչև իսկ մի փոքր համակրանքով դիտել այն ցասումը, որ Անտեսանելի Մարդը զգաց իրեն հանկարծակիի բերելու փորձի դեմ։ Գուցե դարձյալ ընկավ Օքսֆորդ֊Սթրիթի դեպքերի պատճառած ապշահար շփոթության մեջ, որովհետև ակներևաբար ապավինել էր Քեմփի գործակցությանը, իրականացնելու համար աշխարհը ահաբեկելու երազը։ Համենայն դեպս, կեսօրվա դեմ այլևս ոչ ոք չնկատեց նրա գոյությունը, և ոչ մի կենդանի էակ չի կարող ասել, թե նա ինչ արեց մինչև երկուս անց կես։ Գուցե մարդկության համար բարեբաստիկ, բայց հենց իր համար ճակատագրական եղավ այդ անգործությունը։
 
Այդ ժամանակամիջոցում գործի էին լծվել ամբողջ շրջապատում ցրված մեծ թվռվ մարդիկ։ Առավոտյան նա դեռևս պարզապես սարսափազդու մի առասպել էր։ Հետմիջօրեին, Քեմփի շատ չոր, բայց ազդու ձևակերպած կոչի շնորհիվ, նա ներկայանում էր որպես շոշափելի մի հակառակորդ, որին պետք էր վիրավորել, բռնել կամ էլ անվնաս դարձնել, և ահա ամբողջ բնակչությունն սկսեց աներևակայելի արագությամբ կազմակերպվել։ Մինչև իսկ ժամը երկուսին նա դեռևս կկարողանար գնացք բարձրանալով հեռանալ շրջանից, բայց ժամը երկուսից հետո դա այլևս անհնար էր։ Սաութեմպթընի, Մանչեստրի, Բրայթընի և Հորշեմի միջև փռված ընդարձակ պարալելոգրամում, երկաթգծերի վրա բոլոր մարդատար գնացքները կողպված դռներով էին ճանապարհորդում, իսկ բեռնատար գնացքների երթևեկը գրեթե ընդհատված էր։ Դրանից զատ՝ Փորթ-Բարդոքի շուրջր փռված քսան մղոնանոց շառավիղով մի շրջանակում, հրացաններով ու մահակներով զինված մարդկանց երեք֊չորս հոգուց բաղկացած խմբեր, շներ վերցրած, չափչփում էին ճանապարհներն ու դաշտերը։
 
Հեծյալ ոստիկաններ շրջում էին չորս կողմի գյուղերի շավիղներում, կանգ առնելով յուրաքանչյուր տնակի առաջ և բնակիչներին զգուշացնելով, որ կողպեն դռներն ու անզեն դուրս չգան։ Ժամը երեքի մոտերքը բոլոր տարրական դպրոցները դադարեցրել էին պարապմունքները և վախեցած երեխաները իրարից անբաժան խմբերով տուն էին շտապում։ Քեմվի գրած և Էդայի ստորադրած կոչը ժամը չորսի մոտերքը փակցվել էր ամբողջ շրջանում։ Կոչը շատ հակիրճ, բայց հստակ, թվում էր պայքարի բոլոր պայմանները, թե պետք էր անքուն և անսնունդ պահել Անտեսանելի Մարդուն, և առանց դուլ ու դադարի հսկել, որպեսզի ուշադրությունից չվրիպեր նրա շարժումների որևէ ապացույցը։ Իշխանությունների գործողություններն այնքան արագ ու վճռական էին, այս արտասովոր էակի շուրջը, հավատքն այնքան անմիջական և ընդհանուր էր, որ դեռևս մութը չընկած՝ մի քանի հարյուր քառակուսի մղոն տարածության վրա շատ խիստ պաշարողական դրություն հաստատվեց։ Նմանապես, մութը չընկած՝ լուրջ ու ջղագրգիռ շրջանը սարսափի դողով բռնվեց։ Կոմսության լայնքով ու երկայնքով մեկ, շշունջներով, բայց սրընթաց ու հաստատ՝ բերնե֊բերան անցավ պարոն Ուիքսթիդի սպանության լուրը։
 
Եթե Անտեսանելի Մարդու՝ Հինթոնդինի թփուտներում ապաստանած լինելու մասին մեր ենթադրությունը ճիշտ էր, պետք է հետևցնել, թե հետմիջօրեին նա արշավանքի ելավ այնպիսի մի նպատակադրումով, որը առանց զենքի գլուխ չէր գա։ Չգիտենք՝ ինչ էր ծրագրում նա, բայց Ուիքսթիդին չպատահած՝ ձեռքում երկաթե ձող ունենալու փաստն ինքնին ամեն ինչ ասում է։
 
Իհարկե, ոչինչ հայտնի չէ այս ընդհարման մանրամասների մասին։ Դա պատահեց մի խճահանքի եզրին, լորդ Բարդոքի դարպասից մի երկու հարյուր յարդ հեռու։ Ամեն ինչ ասում է՝ թե պայքարը հուսահատական է եղել— տրորված խոտերը, պարոն Ուիքսթիդի ստացած բազմաթիվ վերքերը, նրա ջարդուփշուր եղած ձեռնափայտը։ Բայց անհնար է պատկերացնել, թե սպանության մոլուցքից բացի էլ ուրիշ ի՞նչը Անտեսանելի Մարդուն մղեց կատարել այս հարձակումը։ Եվ իրոք՝ նրա խելագարված լինելու տեսակետն անխուսափելի է։ Պարոն Ուիքսթիդը քառասունհինգ֊քառասունվեց տարեկան մարդ էր, լորդ Բարդոքի տնտեսը։ Ե՛վ սովորություններով, և՛ արտաքինով ոչ ոքի տհաճություն չէր պատճառի․ ողջ աշխարհում վերջին մարդն էր, որ կարող էր ջղայնացնել այդպիսի մի ահարկու հակառակորդի։ Ըստ երևույթին Անտեսանելի Մարդը վրան է հարձակվել խարխլած մի ցանկապատից քաշված ձողով։ Երևի կանգնեցրել է այս հանդարտ մարդուն, որ սուսուփուս տուն էր գնում, որպեսզի ճաշեր, նետվել է վրան, ընկճել է թույլ դիմադրությունր, կոտրել է բազուկը, գետին է գլորել նրան և ճզմել անտեր գլուխը։
 
Հավանաբար ձողը ցանկապատից քաշել էր նախքան զոհին հանդիպելը և ըստ երևույթին, կազմ ու պատրաստ, ձեռքում էր պահել։ Մինչև հիմա տրվածներից զատ, միայն երկու մանրամասնություններ լույս էին սփռում այդ փաստի վրա։ Նախ՝ խճահանքը պարոն Ուիքսթիդի տան ճանապարհին չէր․ այլ մոտավորապես երկու հարյուր յարդ հեռու էր ընկած։ Երկրորդ՝ մի փոքրիկ աղջիկ վկայում էր, թե կեսօրվա ճաշից հետո դպրոց գնալիս տեսել էր, որ սպանված մարդը շատ տարօրինակ ձևով դաշտի միջով վարգում էր դեպի խճահանքը։ Աղջնակի՝ պարոն Ուիքսթիդի շարժումները նմանեցնող մնջախաղից երևում էր, որ մարդը հետապնդելիս է եղել գետնի վրա գտնվող ինչ֊որ բան և հաճախակի զարկել է դրան իր ձեռնափայտով։ Վերջին անգամ այս փոքրիկ աղջիկն էր տեսել պարոն Ուիքսթիդին, որ նրա տեսողությունից չքացել էր և մահվան ընդառաջ էր գնացել։ Կռիվը տեղի էր ունեցել մի խումբ հաճարենիների ետևը, դաշտի գոգավորության մեջ։
 
Իսկ դա, այս տողերը գրողի կարծիքով, ցույց է տալիս, թե բացարձակապես չարամիտ ու ստոր չի եղել պարոն Ուիքսթիդի սպանությունը։ Կարող ենք պատկերացնել, թե Գրիֆինն իսկապես որպես զենք էր վերցրել ձողը, բայց առանց մարդ սպանելու դիտավորության։ Երեի հենց այդ պահին էլ վրա է հասել Ուիքսթիդը և նկատել այս ձողը, որ բոլորովին անհասկանալի կերպով շարժվում էր օդի միջով։ Բնավ չմտածելով Անտեսանելի Մարդու մասին, քանի որ Փորթ֊Բարդոքը այնտեղից տասը մղոն հեռու էր, նա, ըստ երևույթին, հետապնդել է ձողը։ Հավանաբար, նա չէր էլ լսել Անտեսանելի Մարդու մասին։ Կարելի է պատկերացնել, թե Անտեսանելի Մարդն ինչպես է փորձել սուսուփուս հեռանալ, որպեսզի շրջապատում չհայտնաբերվեր իր ներկայությունը, իսկ Ուիքսթիդը, որի հետաքրքրությունը բորբոքվել էր, հետապնդել է անբացատրելիորեն ինքն իրեն շարժվող այս իրը և ի վերջո հարվածել․․․
 
Անկասկած՝ սովորական հանգամանքներում Անտեսանելի Մարդը կարող էր իր տարեց հետապնդողից առաջ անցնել, բայց Ուիքսթիդի դիակն այնպիսի մի տեղում էր, որ պարզ երևում էր՝ նա դժբախտությունն էր ունեցել իր որսին քշելու խայթող եղինջների թփուտի և խճահանքի միջև։ Ովքեր հասկացել են, թե որքան դյուրագրգիռ էր Անտեսանելի Մարդը, շատ հեշտ կպատկերացնեն, թե հետո ինչ պատահեց։
 
Բայց դա պարզապես վարկած է։ Միակ անառարկելի փաստը — քանի որ երեխաների պատմածներին այնքան էլ վստահել չի լինի — սպանված Ուիքսթիդի մարմնի և եղինջների մեջ շպրտված երկաթե արյունոտ ձողի հայտնաբերումն է։ Ձողը դեն շպրտելուց պարզվում է, թե դեպքից խիստ վրդովված՝ Գրիֆինը հրաժարվել է այն նպատակից, որի համար վերցրել էր զենքը, եթե վերջին հաշվով եղել էր այդպիսի մի նպատակ։ Իհարկե չափազանց եսամոլ ու անզգա մարդ էր, բայց զոհի տեսքը, իր առաջին զոհի, որ արյունլվա ու խղճալի փռվել էր ոտքերի առաջ, երևի ժայթքեցրել էր խղճի խայթի երկար ժամանակ զսպված աղբյուրը, որ առժամապես խեղդել էին իր չարամիտ դիտավորությունները։
 
Պարոն Ուիքսթիդի սպանությունից հետո, ըստ երևույթին նա փախել էր դեպի սարահարթը։ Պատմում են, թե երկու տղամարդ Ֆըրն Բաթըմի մոտակա դաշտում, մայրամուտի ժամանակ լսել են ինչ֊որ ձայն։ Զայնը հեկեկում էր ու ծիծաղում, հեծեծում էր ու տնքում և մերթ ընդ մերթ աղաղակում։ Ինչ խոսք, որ դա ահուդող էր պատճառել լսողներին։ Ապա ձայնն անցել էր առվույտի դաշտի միջով և բլուրների մոտերքում հանգել։
 
Երեկոյան դեմ Անտեսանելի Մարդը հավանաբար որոշ չափով իմացել էր, թե Քեմփն ինչքան արագ էր օգտվել իր անկեղծությունից։ Անպայման նա բոլոր դռները կողպված ու ամրացված էր գտել։ Երևի թափառել էր երկաթուղու կայարաններում ու գաղտագողի մոտեցել պանդոկներին և անկասկած կարդացել էր կոչերը ու գլխի ընկել, թե ինչպիսի արշավանք է շղթայազերծված իր դեմ։
 
Իսկ երբ երեկոն իջավ, դաշտերում դես ու դեն երևացին երեք֊չորս հոգուց կազմված խմբեր և ամեն կողմից լսվում էր շների հաչոցը։ Այդ մարդորսները հատուկ հրահանգներ էին ստացել, թե ինչպես պետք է օգնեին մեկմեկու՝ հենց որ պատահեին թշնամուն։ Նա խուսափեց այդ բոլորից։ Մենք կարող ենք որոշ չափով հասկանալ նրա ջղագրգռությունը, որ է՛լ ավելի էր սաստկանում, երբ հիշում էր, թե հենց ինքն էր հայթայթել այն տեղեկությունները, որոնք այնքան անխղճորեն օգտագործվում էին իր դեմ։ Գեթ այդ օրը ընկճվեց նա։ Մոտավորապես քսանչորս ժամ, չհաշված Ուիքսթիդի հետ ընդհարումը, հալածական մարդ էր։ Ըստ երևույթին գիշերը կերավ ու խմեց, որովհետև առավոտյան առաջվա մարդն էր, գործունյա՛, ուժե՛ղ, չարագո՛րծ և կազմ ու պատրա՛ստ ամբողջ աշխարհի դեմ իր վերջին մեծ մարտին։
== Գլուխ քսանյոթերորդ։ Քեմփի տունը պաշարման վիճակում ==
 
Քեմփը կարդում էր յուղոտ թղթի կտորի վրա մատիտով գրված արտասովոր մի նամակ․
 
«Ապշեցուցիչ կերպով եռանդուն ու ճարպիկ դուրս եկաք,— ասում էր նամակը,— միայն թե չգիտեմ, դրանից ինչ եք շահելու։ Դուք ինձ դեմ եք։ Մի ամբողջ օր հալածեցիք, փորձեցիք ինձ զրկել գիշերային հանգստից։ Բայց ես կշտացա՝ ի հեճուկս ձեզ, մի լավ քնեցի՝ ի հեճուկս ձեզ, և խաղը հենց նոր է սկսվում։ Սարսափը շղթայազերծելուց բացի, ուրիշ ճար չմնաց։ Ներկա դրությամբ հռչակում եմ Սարսափի առաջին օրը։ Ձեր ոստիկանապետին ու նրա ոհմակին. կասեք, թե Փորթ֊Բարդոքն այլևս թագուհու իշխանության տակ չէ, իմ իշխանության տակ է, Սարսափի իշխանության տակ։ Նոր դարաշրջանի, Անտեսանելի Մարդու դարաշրջանի, առաջին տարվա առաջին օրն է սա։ Անտեսանելի Առաջինն եմ ես։ Սկզբում իշխանությունս ողորմած է լինելու։ Առաջին օրը միայն մի մահապատիժ պիտի կատարվի, Քեմփ կոչված մարդու մահապատիժը, իսկ դա ուրիշներին օրինակ ծառայելու համար։ Այսօր մահը կրնկակոխ կհասնի նրան։ Կարող է փակվել կողպված տանը, կարող է թաքնվել, թիկնապահներով շրջապատվել կամ էլ զրահ հագնել։ Մահը, անտեսանելի մահը մոտենում է նրան։ Թո՛ղ նա նախազգուշական միջոցներ ձեռք առնի — դա կտպավորի իմ ժողովրդին։ Նրա մահը կեսօրին ճանապարհ կընկնի փոստային արկղից։ Նամակը արկղի մեջ է գտնվելու փոստատարի մոտենալու պահին, իսկ հետո, բարի ճանապարհ․․․ Խաղն սկսվո՛ւմ է․․․ Մահն առաջ է շարժվում... Չօգնե՛ս նրան, ժողովուրդ իմ, որպեսզի մահը քեզ էլ չհարվածի։ Քեմփը պիտի մեռնի այսօր»։
 
Քեմփը երկու անգամ կարդաց նամակը։
 
― Կատակ չէ,— ասաց նա,— Գրիֆինի ձայնն է սա, և մարդը լուրջ է խոսում։
 
Ապա շուռ տվեց ծալված թերթիկը և հասցեագրված երեսին տեսավ Հինթոնգինի փոստային կնիքը և շատ սովորական մի մանրամասնություն՝ «Վճարել 2 պենս»։
 
Նա վեր կացավ, կիսատ թողնելով նախաճաշը (ժամը մեկի փոստով էր հասել նամակը) և աշխատասենյակ գնաց։ Զանգ տվեց, որ տնտեսուհին գա ու նրան պատվիրեց իսկույն շրջագայել տան մեջ, աչքի անցկացնել պատուհանների բոլոր սողնակները և փակել բոլոր փեղկերը։ Աշխատասենյակի փեղկերն ինքն անձամբ փակեց։ Ննջասենյակի կողպված գզրոցներից մեկից հանեց մի փոքրիկ ատրճանակ, ուշադիր քննեց և տնային թիկնոցի գրպանը դրեց։ Ապա գրեց մի շարք երկտողներ, որոնցից մեկը գնդապետ է գային, և աղախնին տվեց, որ տանի, պարզ ու հստակ հրահանգելով, թե ինչպես պետք է դուրս գա տնից։
 
― Ո՛չ մի վտանգ չկա,— ասաց նա ու մտքում մի վերապահություն արեց՝ «քեզ համար»։— Դրան իր հետո մի պահ մտածկոտ կանգ առավ, ապա վերադարձավ սառած նախաճաշի մոտ։
 
Մտքերով տարված ուտում էր Քեմփը։ Ի վեբջո բռունցքն ուժգին խփեց սեղանին։
 
― Մենք կբռնենք Գրիֆինին,— գոչեց նա,— և ե՛ս եմ խայծը։ Այդ մարդը կընկնի մեր ծուղակը։
 
Ապա վերև բարձրացավ, ետևից շատ ուշադիր փակելով ամեն մի գուռ։
 
― Սա մի խաղ է,— մռլտաց նա,— արտասովոր մի խաղ։ Բայց հաղթելու բոլոր հնարավորություններն իմ կողմն են, պարո՛ն Գրիֆին, հակառակ ձեր անտեսանելիության։ Գրիֆինը contra mundum․․․ Հիանալի՜ է․․․
 
Պատուհանի առաջ կանգնած՝ Քեմփը դիտեց արևակեզ բլրալանջը։
 
― Նա պետք է ամեն օր ուտելիք ճարի։ Նախանձելի չէ վիճակը։ Արդյոք իսկապես քնե՞ց երեկ գիշեր — որևէ տեղ, բաց երկնքի տակ, ընդհարումներից հեռու․․․ Ո՜ւր էր, այս տաքի փոխարեն, կարգին ցուրտ ու խոնավ եղանակ ունենայինք։ Թերևս հենց հիմա նա հսկում է ինձ։
 
Քեմփը պատուհանին մոտեցավ։ Ինչ֊որ բան ուժով թրմփաց պատուհանի շրջանակի վերևը։ Բժիշկը ընդոստ վեր թռավ։
 
― Դյուրագրգիռ եմ դառնում,— ասաց նա, բայց մինչև հինգ րոպե չանցավ, չհամարձակվեց դարձյալ մոտենալ պատուհանին։— Երևի մի ճնճղուկ էր։
 
Քիչ անց մուտքի դռան զանգի ձայնը լսեց ու ներքնահարկ շտապեց, դեն քաշեց սողնակը, բանալին դարձրեց, զննեց շղթան, ապա ամրացրեց և առանց երևալու զգույշ բաց արեց դուռը։ Մի ծանոթ ձայն ողջունեց նրան. Էդայն էր։
 
― Ձեր աղախինը հարձակում կրեց, Քե՛մփ,— ասաց նա դռան հետևից։
 
― Ի*նչ,— բացականչեց Քեմփը։
 
— Ձեր երկտողը խլվել է նրանից։ Մարդը մոտերքում է։ Ներս թողեք ինձ։
 
Քեմփն արձակեց շղթան, և Էդայը հազիվհազ բացված դռնից ներս խցկվեց։ Միջանցքում կանգնած՝ նա չափազանց թեթևացած զգաց, երբ տեսավ, թե Քեմփը գցում է սողնակը։
 
― Երկտողը հենց ձեր աղախնի ձեռքից է խլվել և նա սարսափելի վախեցել է։ Հիմա ոստիկանատանն է։ Հիստերիկ վիճակում է։ Իսկ մարդը մոտերքում է։ Ի՞նչ կար ձեր երկտողում։
 
Քեմփը հայհոյեց։
 
― Ի՜նչ հիմարն էի,— գոչեց նա։— Ինչպե՞ս գլխի չընկա։ Հինթոնդինից այստեղ քայլելով մի ժամ չի քաշի։ Եվ ահա․․․
 
— Հիմա ի՞նչ է կատարվում,— հարցրեց Էդայը։
 
― Ինքներդ տեսե՛ք,— ասաց Քեմփը, Էդային իր աշխատասենյակը տարավ ու նրան մեկնեց Անտեսանելի Մարդու նամակը։ Էդայը կարդաց ու մեղմ սուլեց։
 
― Իսկ դո՞ւք,— հարցրեց նա
 
― Մի ծուղակ առաջարկեցի,— ասաց Քեմփը,— և այդ ծրագիրս պարզող երկտողս, հիմարի պես, իմ աղախնի ձեռքով ուղարկեցի ուղղակի իրեն։
 
Էդայը լուռումունջ լսեց Քեմփի լուտանքները։ Ապա ասաց.
 
― Կծլկի...
 
— Նա՞... Երբեք...
 
Վերնահարկից ապակու աղմկալից շրխկոց լսվեց։ Էդայը նշմարեց Քեմփի գրպանից կիսով չափ դուրս ցցված փոքրիկ ատրճանակի արծաթե շողքը․
 
― Վերնահարկի պատուհաններից մեկն է,— ասաց Քեմփը և առաջ անցնելով սկսեց սանդուղքով վեր բարձրանալ։ Երբ դեռ սանդուղքի վրա էին, մի երկրորդ շրխկոց լսվեց։
 
Աշխատասենյակ հասնելով, երեք պատուհաններից երկուսր ջարդված գտան․ ապակու կտորտանքները թափթփվել էին հատակին, իսկ գրասեղանի վրա ընկած էր մի խոշոր կայծքար։ Երկուսն էլ դռան շեմքին կանգ առան ու դիտեցին ավերածությունը։ Քեմփը նորից հայհոյեց. հենց նույն պահին երրորդ պատուհանը ատրճանակի պես ճարճատեց, մի ակնթարթ ապակին աստղաձև կախվեց, ապա սրածայր, դողդողացող կտորտանքներով թափվեց սենյակի մեջ։
 
― Իսկ սա ինչո՞ւ համար է,— հարցրեց Էդայը։
 
— Նախաբանն է,— պատասխանեց Քեմփը։
 
― Այստեղ մագլցելու ճար կա՞։
 
― Ոչ իսկ կատվի համար։
 
― Փեղկեր չկա՞ն։
 
― Այստե՞ղ։ Ո՛չ։ Միայն ներքնահարկի սենյակներում։ Էհե՜յ...
 
Չրա՜խկ․․․ Մի ուրիշ պատուհան էլ ազդարարեց իր ջարդուփշուր լինելը։ Քեմփն ու Էդայը շվարած կանգ առան հարթակի վրա։
 
― Գտա՛․․․— գոչեց Էդայը։— Ինձ մի գավազան կամ էլ դրա նման մի բան տվեք, որ ոստիկանատուն գնամ և արձակել տամ շները։ Հենց այդպես էլ կմաքրենք նրա հաշիվը։ Մոտերքում են։ Տասը րոպե չի քաշի։
 
Մի ուրիշ պատուհանի էլ վիճակվեց մյուսների բախտը։
 
― Ատրճանակ չունե՞ք,— հարցրեց Էդայը։
 
Քեմփը ձեռքը գրպանր տարավ։ Ապա վարանեց։
 
― Չունեմ․․․ Այսինքն ձեզ տալու համար․․․
 
― Ես կբերեմ,— ասաց Էդայը։— Իսկ դուք այստեղ անվտանգ եք։
 
Քեմփը նրան մեկնեց զենքը։
 
― Հիմա դեպի դուռը,— ասաց Էդայը։
 
Մինչ վարանած կանգնել էին միջանցքում, նրանք լսեցին, թե ինչպես ներքնահարկի ննջասենյակի պատուհաններից մեկը ջարդուփշուր եղավ։ Քեմփը դռան մոտեցավ և ինչքան հնարավոր էր, անաղմուկ դեն քաշեց սողնակները։ Նրա դեմքը սովորականից ավելի գունատ էր։
 
― Պետք է մի ակնթարթում դուրս գաք,— ասաց Քեմփը։
 
Մի վայրկյան անց, Էդայը արտասանդուղքի վրա էր և սողնակները մղված էին պահանգների մեջ։ Նա մի պահ վարանեց․ մեջքը դռան տված՝ ավելի ապահով էր զգում իրեն։ Ապա ձգվեց և հաստատուն քայլերով սանդուղքով ցած իջավ։ Կտրեց֊անցավ փոքր մարգագետինը և դարպասին մոտեցավ։ Նրան թվաց, թե մի զեփյուռ ծփաց խոտերի վրա։ Մոտերքում ինչ֊որ բան շարժվեց։
 
― Մի քիչ կանգնեցե՛ք,— ասաց մի Ձայն։ Էդայը քարացած կանգ առավ ու սեղմեց ատրճանակը։
 
― Հետո՞,— հարեց Էդայը դժգույն ու մռայլ։ Նրա ամեն մի ներվը լարված էր։
 
― Շնորհակալ կլինեմ՝ տուն վերադառնաք,— ասաց Ձայնը, նույնքան լարված ու մռայլ, ինչքան Էդայինը։
 
― Շատ եմ ցավում,— պատասխանեց Էդայը մի քիչ խռպոտած ձայնով և լեզվով թրջեց շրթները։ Նրան թվաց, թե Ձայնը ձախ կողմից էր գալիս։ Ինչ կլինի, եթե մի փամփուշտով բախտը փորձի...
 
― Ինչո՞ւ եք գնում,— ասաց Ձայնը և երկուսն էլ արագ մի շարժում գործեցին։ Էդայի գրպանի բացվածքից արևի մի ցոլք շողաց։
 
Բայց Էդայը դիտավորությունից ետ կանգնեց ու մտածեց։
 
― Թե ուր եմ գնում, դա իմ գործն է,— ասաց նա դանդաղ։ Խոսքը դեռ բերանումն էր, երբ մի բազուկ նետվեց վզի շուրջը, մի ծունկ սեղմեց թիկունքը, և նա մեջքի վրա գետին գլորվեց։ Էդայը ձախլիկ մի շարժումով ատրճանակը քաշեց և ըստ բախտի կրակեց։ Մի ակնթարթում բերնին մի հարված իջավ, և ատրճանակը խլվեց ձեռքից։ Իզուր փորձեց բռնել մի լպրծուն սրունք, ջանք թափեց վեր կենալ և դարձյալ ընկավ։
 
― Գրո՜ղը տանի,— բացա կանչեց Էդայը։
 
Ձայնը ծիծաղեց։
 
— Ձեզ հիմա կսպանեի, բայց ափսոս է փամփուշտը,— ասաց նա։
 
Վեց ոտնաչափ հեռու Էդայը օդի մեջ տեսավ ատրճանակը, որ իրեն էր ուղղված։
 
― Հետո՞,— գոչեց Էդայը նստելով։
 
— Վեր կացեք,— ասաց Ձայնը։
 
Էդայը վեր կացավ։
 
— Զգա՛ստ,— գոչեց Ձայնը և ապա դաժան շեշտով ասաց,— խաղեր չփորձե՛ք։ Լա՛վ հիշեցեք․ դուք իմ դեմքը չեք տեսնում, ես ձերը տեսնում եմ։ Դուք պետք ՝ տուն վերադառնաք։
 
― Նա ինձ ներս չի թողնի,— պատասխանեց Էդայը։
 
― Ափսոս․․․— բացականչեց Անտեսանելի Մարգը։— Ես ձեզ հետ գործ չունեմ։
 
Էդայը նորից լիզեց շրթները։ Ապա հայացքը հեռացրեց ատրճանակի փողից և հեռվում, կեսօրվա արևի տակ տեսավ շատ կապույտ ու մուգ ծովը, կանաչ սարահարթը, հրվանդանի սպիտակ. քարափները, բազմամարդ քաղաքը, և հանկարծ գլխի ընկավ, թե քաղցր է կյանքը։ Հայացքը վերադարձավ իրենից վեց յարդի վրա, երկնքի ու երկրի միջև կախված մետաղյա իրին։
 
― Ես ի՞նչ եմ անելու,— մռայլ հարցրեց նա։
 
― Իսկ ե՞ս ինչ եմ անելու,— հարց տվեց Անտեսանելի Մարդը։— Ձեղ օգնության հասնողներ կլինեն։ Ձեզ մնում է միայն այդ տունը վերադառնալ։
 
― Կփորձեմ։ Եթե նա ինձ ընդունի, կխոստանա՞ք դռնից ներս չխուժել։
 
― Ես ձեզ հետ, գործ չունեմ,— ասաց Ձայնը։
 
Էդային դուրս թողնելուց հետո, Քեմփը վերնահարկ շտապեց. ապակու կտորտանքների մեջ կծկվելով և շատ զգույշ աշխատասենյակի լուսամուտագոգի վրայով դուրս նայելով, տեսավ, որ Էդայը կանգնել բանակցում է Անտեսանելիի հետ։
 
― Ինչո՞ւ չի կրակում,— ինքն իրեն շշնջաց Քեմփը։
 
Ապա ատրճանակը մի քիչ շարժվեց և արևի շողքր ցոլաց Քեմփի աչքերում։ Նա ձեռքը աչքերին հովանի արեց և աշխատեց տեսնել կուրացուցիչ շողքի աղբյուրը։
 
Ինչ խոսք, որ Էդայը հանձնել է ատրճանակը,— շշնջաց Քեմփը։
 
― Խոստացե՛ք դռնից ներս չխուժել,— ասում էր Էդայը։― Այդքան մի՛ չարաշահեք ձեր հաղթանակը։ Մի քիչ զիջող եղեք։
 
― Դուք տուն դարձե՛ք։ Ուղղակի ասում եմ՝ ոչ մի բան չեմ խոստանա։
 
Ըստ երևույթին Էդայը հանկարծ որոշել էր անելիքը։ Նա շրջվեց դեպի տուն և ձեռքերը մեջքին ծալած՝ դանդաղ առաջ շարժվեց։ Քեմփը շվարած դիտեց նրան։ Ատրճանակը չքացավ, ապա պսպղալով, նորից երևաց, նորից չքացավ. ուշադիր դիտելով՝ Քեմփը նորից տեսավ փոքրիկ ու սև մի առարկա, որ հետևում էր Էդային։ Հետո դեպքերը սրընթաց իրար հաջորդեցին։ Էդայը ցատկեց դեպի ետ, շուռ եկավ, ձեռքը նետեց փոքրիկ առարկային, վրիպեց, երկու ձեռքը վեր բարձրացրեց և բերանքսիվայր ընկավ, մի փոքրիկ կապույտ ծվեն թողնելով օդում։ Էդայը գալարվեց, մի թևի վրա բարձրացավ, դարձյալ ընկավ երեսի վրա և այլևս չշարժվեց։
 
Մի պահ Քեմփը սևեռուն դիտեց Էդայի անփութորեն հանգիստ դիրքը։ Հետմիջօրեն շատ շոգ ու հանդարտ էր․ թվում էր՝ ոչինչ չէր շարժվում, բացի մի զույգ դեղին թիթեռնիկներից, որոնք իրար էին հալածում տան և ճանապարհի դարպասի մեջտեղն ընկած մացառուտի արանքում։ Էդայը փռվել էր դարպասի մոտակա փոքրիկ մարգագետնում։ Բլրալանջով ցած իջնող ճանապարհին շարված բոլոր վիլլաների վարագույրները ցած էին թողնված, բացի մի փոքրիկ տաղավարից, որտեղ սպիտակ մի կերպարանք կար․ ըստ երևույթին մի ծերունի էր քնել այնտեղ։ Քեմփը նայվածքն ուշադիր տան չորս կողմը պտտեցրեց, որ նշմարի ատրճանակը, բայց դա անհետացել էր։ Նրա աչքերը նորից ընկան Էդայի վրա։ Խաղը լավ էր սկսվում ․․․
 
Մուտքի դուռր թակեցին ու զանգը տվին, իսկ դա հետզհետե սաստկացավ, բայց Քեմփի հրահանգներին հետևելով, ծառաները փակվել էին իրենց սենյակներում։ Ապա լռություն տիրեց։ Քեմփը մի քիչ նստեց ու ականջ դրեց։ Հետո զգույշ սկսեց մեկը մյուսի ետևից պատուհաններից դուրս նայել. գնաց կանգնեց սանդուղքի գլուխը և անհանգիստ ականջ դրեց, ննջարանի կրակախառնիչով զինվեց ու գնաց դարձյալ ստուգեց ներքնահարկի պատուհանների փականքները․ ամեն ինչ ապահով էր ու խաղաղ։ Ի վերջո վերնահարկի աշխատասենյակը վերադարձավ։ Ինչպես ընկել, այնպես էլ անշարժ պառկել էր Էդայը խճապատ ճանապարհի եզրին։ Վիլլաների առաջ ձգված ճանապարհով գալիս էին աղախինն ու երկու ոստիկան։
 
Ամենուրեք մեռելային լռություն էր տիրում։ Թվում էր՝ այդ երեք հոգին շատ դանդաղ էին առաջանում։ Նա ինքն իրեն հարց տվեց, թե ինչ էր անում հակառակորդը։
 
Քեմփը ցնցվեց։ Ներքևից մի ճայթյուն լռվեց։ Մի քիչ վարանելուց հետո դարձյալ ներքնահարկ իջավ։ Հանկարծ ամբողջ տունը թնդաց ծանր հարվածներից և տախտակների ճարճատյունից։ Նա լսեց մի ճայթյուն և փեղկերի երկաթե փականքների ճռնչյուն։ Ապա բանալին դարձրեց ու բացեց խոհանոցի դուռը։ Նույն պահին ջարդուփշուր եղած փեղկի կտորտանքները ներս թռան։ Քեմփը սահմռկած կանգ առավ։ Պատուհանի շրջանակը, բացի մի շեղաձողից, դեռ անվնաս էր՝ բայց լոկ ապակե փոքրիկ ատամնաշարեր էին մնացել այնտեղ։
 
Փեղկերը կացնով էին ջարդվել, իսկ հիմա կացինը ուժգին հարվածներով իջնում էր պատուհանի շրջանակի և այն պաշտպանող երկաթե ձողերի վրա։ Ապա հանկարծ կացինը մի կողմ ցատկեց ու չքացավ։ Քեմփը տեսավ տան կողքի ճանապարհին ընկած ատրճանակը, հետո փոքրիկ զենքը թռավ օդի մեջ։ Նա ընկրկեց։ Ատրճանակը մի քիչ ուշ ճայթեց և փակվող դռնից մի կտոր թռավ իր գլխի վրայով։
 
Քեմփը շրխկոցով փակեց ու կողպեց դուռը և տեղում գամված՝ լսեց Գրիֆինի գոռգոռոցն ու հռհռոցը։ Ապա վերսկսվեցին կացնի հարվածները՝ ճայթյունի ու ճարճատյունի նվագակցությամբ։
 
Քեմփը միջանցքում կանգնեց և փորձեց մտածել։ Մի րոպեից Անտեսանելի Մարդը խոհանոցում էր լինելու։ Այս դուռը երկար չի փակի նրա ճանապարհը, իսկ հետո․․․
 
Դարձյալ հնչեց մուտքի դռան գանգը։ Երևի ոստիկաններն էին։ Քեմփը նախա սրահ վազեց, շդթան օղակի մեջ գցեց ու դեն քաշեց սողնակները։ Աղջկա ձայնը լսելուց հետո միայն վերցրեց շղթան ու երկու ոստիկանն ու աղախինը ինչ֊որ կույտի պես, ներս գլորվեցին։ Քեմփը նորից շրխկացրեց դուռը։
 
― Անտեսանելի Մա՛րդը...—բացականչեց Քեմփը։― Ատրճանակ ունի և երկու հատ էլ փամփուշտ։ Նա սպանեց Էդային։ Համենայն դեպս խփեց։ Խոտերի վրա չտեսա՞ք Էդային։ Մինչև հիմա էլ պառկած է այնտեղ։
 
― Ո՞վ,— հարց տվեց ոստիկաններից մեկը։
 
― Էդայը,— պատասխանեց Քեմփը։
 
― Մենք բակերի կողմով եկանք,— ասաց աղախինը։
 
― Այդ ի՞նչ ճարճատյուն է,— հարցրեց մյուս ոստիկանը։
 
― Նա խոհանոցումն է, կամ էլ շուտով այնտեղ կլինի։ Մի կացին է գտել․․․
 
Հանկարծ ամբողջ տունը թնդաց Անտեսանելի Մարդու՝ խոհանոցի դռանն իջեցրած ուժգին հարվածներից։ Աղախինը չռված աչքերով նայեց խոհանոցի կողմը, սարսռաց և ճաշասրահ ընկրկեց։ Նրանք լսեցին, թե ինչպես տեղի տվեց խոհանոցի դուռը։
 
― Այս կո՛ղմ,— գռռաց Քեմփը, հանկարծ գործի անցնելով, և ոստիկաններին հրեց դեպի ճաշասրահի դուռը։
 
― Կրակախառնիչը,— գոչեց Քեմփը և բուխարիի կողմը նետվեց։ Նա յուրաքանչյուրին մի կրակախառնիչ տվեց։ Ապա հանկարծ ընկրկեց։
 
― Էհե՜յ,— բացականչեց ոստիկաններից մեկը և կրակախառնիչով անշարժացրեց կացինը։ Ատրճանակն արձակեց իր նախավերջին փամփուշտը և բզկտեց Սիդնի Քուփըրի արժեքավոր յուղանկարներից մեկը։ Երկրորդ ոստիկանը կրակախառնիչն իջեցրեց փոքրիկ զենքի վրա, ճիշտ այնպես, ինչպես կհարվածեր պիծակը, ատրճանակը շրխկոցով ընկավ հատակին։
 
Հենց որ կռիվը ծայր տվեց, աղախինն սկսեց ճչալ․ բուխարիի առաջ գամված՝ մի ամբողջ րոպե ճչում էր, հետո վազեց, որ փեղկերը բացի, թերևս խորտակված պատուհանով փախչելու նպատակով։
 
Կացինը միջանցք դուրս եկավ և հատակից երկու ոտք բարձրության վրա կանգ առավ։ Նրանք լսեցին Անտեսանելի Մարդու շնչառության ձայնը։
 
— Դուք երկուսդ մի կողմ քաշվեցե՛ք,— ասաց նա։— Ես այդ Քեմփ կոչվածին եմ ուզում։
 
― Իսկ մենք ձե՛զ ենք ուզում,— ասաց առաջին ոստիկանը, իսկույն առաջ նետվեց և կրակախառնիչով մի հարված հասցրեց Ձայնի կողմը։ Ըստ երևույթին Անտեսանելի Մարդը ետ էր ցատկել։ Նա սայթաքեց ու զարնվեց հովանոցի կախարանին։ Ապա երբ ոստիկանը երերաց հարվածի համար վերցրած թափից, Անտեսանելի Մարդը կացնով հակահարված տվեց, ոստիկանի սաղավարտը թղթի պես ճմրթվեց ու մարդը թավալգլոր ընկավ խոհանոցի սանդուղքի հարթակի վրա։ Բայց երկրորդ ոստիկանը, կրակախառնիչով նշան բռնեց կացնի ետևը և հարվածեg ինչ֊որ բանի, որ շրխկաց։ Ցավի մի ճիչ լսվեց, ու կացինն ընկավ հատակին։ Դատարկության մեջ ոստիկանը դարձյալ վրա բերեց կրակախառնիչը, բայց ոչ մի բանի չհարվածեց․ ապա ոտքը կացնի վրա դրեց ոլ նորից իջեցրեց հարվածը։ Կրակախառնիչը պատրաստ պահած կանգնեց նա, ուշադիր ականջ դնելով ամենաթեթև շարժմանը։
 
Ոստիկանը լսեց ճաշասենյակի պատուհանի բացվելու աղմուկը, իսկ հետո՝ շտապ ոտնաձայներ։ Ընկերը շուռ եկավ ու նստեց. աչքի ու ականջի միջով արյուն էր հոսում։
 
— Ո՞րտեղ է նա,— հարցրեց հատակին նստած մարդը։
 
— Չգիտեմ։ Ես հասցրի նրան։ Նախասենյակում ինչ֊որ տեղ կանգնած կլինի հիմա, եթե արդեն քո կողքով չծլկեց։ Բժիշկ Քե՛մփ․․․ Սը՛ր․․․
 
Լռություն․․․
 
― Բժիշկ Քե՛մփ,— դարձյալ ձայն տվեց ոստիկանը։
 
Երկրորդ ոստիկանը ճիգ էր թափում ոտքի կանգնել, ի վերջո վեր կացավ։ Հանկարծ խոհանոցի սանդուղքի վրա լսվեց բոբիկ ոտքերի մեղմ դոփյունը։
 
― Հո՜փ,— գոչեց առաջին ոստիկանը և իսկույն շպրտեց կրակախառնիչը, որ գնաց ջարդուփշուր արեց գազի ծորակը։
 
Քիչ էր մնում նա սանդուղքով ցած՝ հետապնդեր Անտեսանելի Մարդուն։ Բայց միտքը փոխեց և ճաշասենյակ մտավ։
 
― Բժիշկ Քե՛մփ․․․— սկսեց նա ու կանգ առավ։― Քաջ տղա է այդ բժիշկ Քեմփը,— ավելացրեց նա, դիմելով իր ուսի վրայով չորս կողմը զննող ընկերոջը։
 
Ճաշասենյակի պատուհանը լայն բաց էր և ո՛չ աղախինն էր երևում, ո՛չ էլ Քեմփը։
 
Երկրորդ ոստիկանր կարճ ու պատկերավոր՝ իր կարծիքը հայտնեց Քեմփի մասին։
== Գլուխ քսանութերորդ։ Թե ինչպես որսացին որսորդին ==
Վստահելի
83
edits