«Պորպորտուկի կատակը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Պորպորտուկի կատակը |հեղինակ = Ջեկ Լոնդոն |թարգմանիչ = Էդուարդ Ավագյան |աղբյ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 22:50, 22 Հուլիսի 2016-ի դրությամբ

Պորպորտուկի կատակը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Էդուարդ Ավագյան

Էլ-Սուն մեծացավ միաբանությունում։ Մայրը մեռավ, երբ նա դեռ փոքրիկ աղջիկ էր և ամռան մի օր քույր Ալբերտան վերցրեց նրան կրակից հանված խանձողի նման, տարավ Սուրբ Խաչ միաբանությունը և նվիրաբերեց աստծուն ծառայելու գործին։ Էլ-Սուն զտարյուն հնդկուհի էր, բայց իր առաջադիմությամբ գերազանցեց բոլոր այն աղջիկներին, որոնց երակներով հոսող արյունը կիսով, կամ քառորդով, սպիտակ էր։ Միաբանության քույրերը երբեք չէին հանդիպել այդպես հեշտ համակերպվող և միաժամանակ այդպիսի շնորհալի աղջկա։

Էլ-Սուն աշխույժ, ընդունակ ու խելոք աղջիկ էր, բայց ամենագլխավորը՝ կրակ էր. նրա մեջ հուրհրում էր կյանքի բոցը։ Հայրը ցեղի առաջնորդ էր և նրա արյունն էր հոսում աղջկա երակներով։ Էլ-Սուն ենթարկվում էր միայն այն ժամանակ, երբ կամավոր կերպով համաձայնում էր այդ բանին։ Նա բոլորի հետ վերաբերվում էր ինչպես հավասարների և, գուցե, դրա համար էլ թվաբանության մեջ առաջադեմ էր։

Ի միջի այլոց, նա առաջադեմ էր և մյուս առարկաների մեջ։ Նա անգլերեն գրել-կարդալ այնպես սովորեց, ինչպես միաբանության մեջ դեռ ոչ մի աղջկա չէր հաջողվել։ Երգում էր բոլորից լավ և երգի մեջ դնում էր արդարության իր ձգտումը։ Նա արվեստասեր բնավորություն ուներ և նրա հոգու կրակը դեպի ստեղծագործությունն էր ձգտում։ Եթե նա գտնվեր մի ավելի բարենպաստ միջավայրում, երևի, իրեն նվիրաբերեր գրականությանը կամ երաժշտությանը։

Բայց նա Էլ-Սուն էր, առաջնորդ Քլակի-Նայի դուստրը և ապրում էր Սուրբ Խաչ միաբանությունում, ուր արվեստի մարդիկ չկային, այլ միայն անարատ քույրեր, որոնք հետաքրքրվում էին հոգու մաքրությամբ, արդարությամբ ու բարօրությամբ այնտեղ՝ երկնքում, անմահության աշխարհում։

Անցան տարիներ։ Էլ-Սուն ութ տարեկան հասակում միաբանություն ընկավ, իսկ հիմա, երբ արդեն լրացել էր նրա տասնվեց տարին, և քույրերը նամակագրություն էին սկսել իրենց օրդենի ղեկավարության հետ, աշխատելով այնպես անել, որ շնորհալի աշակերտուհուն ուղարկեն Միացյալ Նահանգներ՝ ուսումն ավարտելու համար, միաբանություն եկավ աղջկա ցեղակիցներից մեկը և ցանկություն հայտնեց խոսել նրա հետ։

Այդ մարդու տեսքը մի քիչ վախեցրեց Էլ-Սուին։ Նա կեղտոտ էր և իր օրում չսանրված մազերի խրձով, նման էր Քալիբանին, մի անճոռնի արարածի։ Եկվորը խոժոռ նայեց աղջկան և հրաժարվեց նստել։

— Քո եղբայրը մեռավ,— կարճուկտրուկ ասաց եկվորը։

Էլ-Սուն այնքան էլ չազդվեց այդ լուրը լսելով։ Նա իր եղբորը գրեթե չէր հիշում։

— Քո հայրը ծեր մարդ է ու մենակ,— շարունակեց անծանոթը,— նրա մեծ տունը դատարկ է և նա ուզում է լսել քո ձայնը և նայել քեզ։

Հորը՝ Քլակի-Նային, աղջիկը հիշում էր. նա գյուղի առաջնորդն էր, առաքելականների ու առևտրականների բարեկամը, մի հուժկու տղամարդ, որն ահռելի ուժ ուներ, բարի աչքեր, տիրական բնավորություն և աչքի էր ընկնում վարքագծի պարզ ու միամիտ վեհությամբ։

— Նրան ասա, որ կգամ,— այսպես պատասխանեց Էլ-Սուն։

Առաքելական քույրերին մեծ դառնություն պատճառեց այն բանը, որ հրդեհից դուրս բերված խանձողը նորից է վերադառնալու իր հին օջախը։ Բոլոր փորձերը, որ կատարվեցին նրան ետ պահելու համար, իզուր անցան։ Շատ խրատներ, խոսակցություն ու արցունքներ եղան։ Քույր Ալբերտան մինչև անգամ հայտնեց Էլ-Սուին, որ մտածում են նրան Միացյալ Նահանգներ ուղարկել։ Լայն չռած աչքերով՝ Էլ-Սուն նայում էր իր առջև բացվող շողշողուն հեռուներին և օրորում գլուխը։ Նրա առջև մի ուրիշ տեսիլ էր կանգնած։ Դա Յուքոնի հզոր գետաբաժանն էր Թանանի մոտ, ուր մի կողմում գտնըվում է Սուրբ Գևորգի միաբանությանր, իսկ մյուս կողմում՝ ֆակտորիան, իսկ նրանց միջև՝ հնդկացիների գյուղակը և ծանոթ մեծ, գերանաշեն տունը, որտեղ ապրում է ծերուևին իր ծառաների հետ։

Մինչև երկու հարյուր մղոնի վրա Յուքոնի ափերի բոլոր բնակիչները գիտեին այդ գերանաշեն տունը, այնտեղ ապրող ծերունուն և նրան ծառայող ստրուկներին. առաքելական քույրերը նույնպես շատ լավ գիտեին այդ տունը, այնտեղ թագավորող անվերջանալի խրախճանքները, կերուխումերը և ուրախությունները։ Ահա թե ինչու Սուրբ Խաչ միաբանության մեջ լացուկոծ բարձրացավ, երբ իմացան, թե Էլ֊Սուն պիտի մեկնի։

Էլ֊Սուն հենց որ եկավ, տանը մեծ փոփոխություններ եղան։ Քլակի֊Նայը սովոր էր կարգադրություններ անելուն, սկզբում բողոքեց այն կարգուկանոնի դեմ, որը հաստատել էր նրա տիրական դեռահաս աղջիկը, բայց վերջիվերջո, իր միամիտ պատկեբացմամբ փառավոր օրեր երազելով, ծեր Պորպորտուկից, որը Յուքոնի ամենահարուստ հնդկացին էր, հազար դոլար պարտք վերցրեց։ Բացի դրանից, ֆակտորիայում մի մեծ գումարի ապրանք առավ։ Էլ֊Սուն կարծես թե նոր կյանք տվեց հին տանը։ Նա տանը նոր շքեղություն պարգևեց այն ժամանակ, երբ Քլակի֊Նայը դեռ այնտեղ պահպանում էր հինավուրց հյուրընկալության ու խրախճանքների իր սովորությունները։

Այս բոլորն անսովոր էր Յուքոնի հնդկացիների համար, բայց Քլակի֊Նայը արտասովոր հնդկացի էր։ Նա ոչ միայն սիրում էր ճոխ հյուրասիրությունը, այլև կարող էր իրեն թույլ տալ այդ բանը, քանի որ առաջնորդ էր ու շատ փող ուներ։ Այն օրերին, երբ այստեղ առևտուրը միայն ապրանքափոխանակությամբ էր կատարվում, լինելով իր ժողովրդի տերուտնօրենը, նա սպիտակների հետ շահավետ առևտուր էր անում։ Հետագայում Պորպորտուկի հետ միասին նա Քոյքութում ոսկեբեր ավագներ գտավ։ Իր բնավորությամբ ու սովորություններով Քլակի-Նայը ազնվական էր։ Իսկ Պորպորտուկը տիպիկ բուրժուա էր և Քլակի-Նայից գնեց ոսկեբեր ավազները։ Պորպորտուկը բավարարվեց նրանով, որ համառ կերպով շարունակեց աշխատել ու փող կուտակել, իսկ Քլակի-Նայը վերադարձավ իր մեծ տունը և շարունակեց ծախսել իր փողերը։ Պորպորտուկը հայտնի էր որպես Ալյասկայի ամենահարուստ հնդկացին։ Քլակի-Նայն էլ հայտնի էր որպես ամենաազնիվը։ Պորպորտուկը զբաղվում էր վաշխառությամբ, իսկ Քլակի-Նայը միջնադարի մի բեկորն էր, մարտերի ու կերուխումի սիրահար, գինու և երգերի երկրպագու։

Էլ-Սուն մեծ տանն ու նրա վարքուբարքին այնպես ընտելացավ, ինչպես ընտելացել էր Սուրբ Խաչին և այնտեղի կարգուկանոնին։ Նա չփորձեց անգամ վերափոխել իր հորը և նրան տանել Տիրոջ ճանապարհով։ Ճիշտ է, երբ նա չափից դուրս շատ էր խմում, Էլ-Սուն կշտամբում էր, բայց աղջիկը այդ բանն անում էր հանուն նրա առողջության և մեղսապարտ աշխարհում բարեհաջող ապրելու համար։

Մեծ տան դռները երբեք չէին փակվում։ Կյանքն այնտեղ ոչ մի վայրկյան կանգ չէր առնում, մերթ մարդիկ էին գալիս, մերթ գնում։ Ընդարձակ սենյակի առաստաղը միշտ էլ դղրդում էր կերուխումի ու երգերի աղմուկից։ Սեղանի մոտ նստում էին հեռավոր ցեղերի առաջնորդները, աշխարհի բոլոր ծայրերից եկած մարդիկ, անգլիացիներ և գաղութի բնակիչներ, նիհար առևտրական յանկիներ և հաստլիկների խոշոր ընկերությունների պաշտոնյաներ, Արևմուտքից եկած կովբոյներ, նավաստիներ, որսորդներ և ամեն ազգության պատկանող շնապահներ։

Էլ-Սուն այդ մթնոլորտում իրեն լավ էր զգում։ Այնպես էր անգլերեն խոսում, ասես իր մայրենի լեզուն լիներ, երգում էր անգլիական երգեր ու բալլադներ։ Նա գիտեր նաև անցյալ դարձած հնդկական ծեսերն ու մեռնող սովորությունները։ Անհրաժեշտության դեպքում նա կարողանում էր հագնել առաջնորդի դստեր ավանդական զգեստները։ Բայց սովորաբար նա հագնվում էր սպիտակ կանանց նման։ Իզուր չէր, որ միաբանությունում նրան կարուձև էին սովորեցրել և իզուր չէր, որ գեղեցիկ ճաշակ ուներ։ Նա այնպիսի զգեստներ էր հագնում, ինչպիսին հագնում էին սպիտակամորթ կանայք և այնպիսի շորեր էր կարում, որոնք սազում էին հրեն։

Էլ-Սուն ինքնին այնպիսի մի արտասովոր երևույթ էր, ինչպիսին նրա հայրն էր, և այն դիրքը, որ նա էր գրավում, նույնպես այնքան արտասովոր էր, ինչպես հոր դիրքն էր։ Նա միակ հնդկուհին էր, որի հետ իրենց հավասարի պես էին վարվում այն մի քանի սպիտակ կանայք, որոնք ապրում էին Թանանում։ Նա միակ հնդկուհին էր, որին սպիտակամորթ տղամարդիկ առաջարկում էին իրենց ձեռքն ու սիրտը։ Եվ, վերջապես, նա միակ հնդկուհին էր, որին երբեք ոչ մի սպիտակամորթ վիրավորելու փորձ չէր արել։

Բանն այն էր, որ Էլ-Սուն շատ գեղեցիկ էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին են գեղեցիկ սպիտակամորթ կանայք և ոչ էլ այնպիսին, ինչպիսին լինում են գեղեցիկ հնդկուհիները։ Նրա գեղեցկությունն այն ներքին կրակի մեջ էր, որը դիմագծերի հետ ոչ մի կապ չունի։ Եթե խոսելու լինենք դիմագծերի մասին, ապա Էլ-Սուն հնդկուհու դասական տիպար էր։ Նա սև մազեր ուներ, մաշկը բրոնզափայլ էր, աչքերը սև էին, փայլփլան համարձակ ու սուր, ինչպես պողպատի ցոլքը, նուրբ, թրթռացող ռունգներով արծվի կտուցի նման փոքրիկ կեռ քիթ ուներ, մի քիչ դուրս ցցված, բայց ոչ լայն այաոսկրեր, բարակ ու քնքուշ շրթունքներ։ Բայց նրա մոտ գլխավորը ներքին կրակն էր, հոգու այն անբացատրելի բոցը, որը տաք լույսով էր լցնում նրա աչքերը, փայլփլում այնտեղ, դուրս հորդում այտերի վարդագույնից, ուռեցնում ռունգները, ծիծաղի հետ պոկվում շուրթերից և մինչև անգամ, եթե նա լուրջ էր լինում, թաքնվում էր բերանի անկյուններում, միշտ պատրաստ ցրիվ գալու ուրախ ծիծաղի հետ։

Էլ֊Սուն սրամիտ էր. նրա կատակները հազվադեպ էին վիրավորում մարդկանց, բայց նա շատ արագ էր նկատում իր շրջապատողների փոքր թուլությունները։ Նրա ուրախ ծիծաղը, կայծկլտուն կրակի նման, այրում էր մարդկանց և նրանք աղջկան պատասխանում էին նույնպիսի մի ուրախ ժպիտով։ Բայց և այնպես, նա երբեք էլ ուշադրության կենտրոնում չէր լինում։ Այդ բանը նա թույլ չէր տալիս։ Ե՛վ տունը, և՛ տան փառքը ստեղծվել էին նրա հոր՝ սրտաբաց տանտիրոջ, կերուխումերի իշխանի, օրենսդրի կողմից և նրա հերոսական կերպարը թագավորում էր այնտեղ մինչև իր կյանքի վերջին օրերը։ Սակայն մի բան ճիշտ է, որ ինչքան հոր ուժերը թուլանում էին, այնքան էլ աղջիկը գործի ամբողջ ծանրությունը վերցնում էր նրա թուլացող ձեռքերից։ Սակայն արտաքուստ ամեն ինչ մնում էր առաջվանը. հայրն էր կառավարում, ինչպես կառավարում էր հնում, չնայած հաճախ էր ննջում, մինչև անգամ սեղանի մոտ։ Նախկին քեֆասերը, ինչպես երևում էր, դեռ մնում էր կերուխումերի սիրտն ու հոգին։

Այնինչ, մեծ տան մեջ թափառում էր Պորպորտուկի չարագույժ կերպարանքը, որը դժգոհ օրորում էր գլուխը, դատապարտելով այդ գինարբուքները, բայց էլի վճարում էր բոլորի համար։ Չի կարելի ասել, թե նա առանձնապես շատ էր ծախսում, որովհետև ինչ-որ խորհրդավոր ճանապարհներով նրան հաջողվել էր պաշտպանել իր սեփական շահերը և կամաց֊կամաց, տարին տարվա վրա, իր ձեռքն էր հավաքել Քլակի-Նայի ունեցվածքը։ Միայն մեկ անգամ Պորպորտուկը քաջություն ունեցավ հանդիմանելու Էլ-Սուին մեծ տանը թագավորող շռայլ ապրելակերպի համար. դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ նա արդեն համարյա թե կուլ էր տվել Քլակի-Նայի ամբողջ հարստությունը, բայց հետո այլևս սիրտ չարեց որևէ բան ասել։ Էլ-Սուն, ինչպես նրա հայրը, ազնվական էր և իր ծնողի նման նա էլ էր արհամարհանքով վերաբերվում փողերին, պատիվը բարձր պահելով ամեն ինչից։

Պորպորտուկը շարունակում էր դժկամությամբ փող պարտք տալ, բայց այդ փողերը անմիջապես, ոսկե փրփուրի նման, ցնդում էին։ Էլ-Սուն հաստատ որոշել էր, որ հայրը պետք է մեռնի այնպես, ինչպես ապրել է։ Նա չպետք է զգա իր վեհության անկումը, քեֆերը չպետք է դադարեն, առատ հյուրասիրությունը չպետք է վերջ ունենա։ Երբ սով էր լինում, քաղցած հնդկացիները, առաջվա նման, գալիս էին մեծ տունը և հեռանում էին կշտացած։ Եթե տանը փող չէր լինում, պարտք էին վերցնում Պորպորտուկից և հնդկացիները միշտ էլ գոհ սրտով էին հեռանում։ Էլ-Սուն կարող էր ուրիշ ժամանակների և ուրիշ երկրների ազնվականների նման կրկնել, որ իրենից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։ Ներկա դեպքում նրա համար այդ ջրհեղեղը Պորպորտուկն էր։ Ամեն անգամ փող պարտք տալով, նա աղջկան նայում էր սեփականատիրոջ օրավուր ուժեղացող իրավունքով և զգում էր, թե իր մեջ ինչպես են բոցվառվում աշխարհի պես հին ցանկությունները։

Բայց Էլ-Սուն չէր նայում նրա վրա։ Ի միջի այլոց, չէր նայում ոչ էլ սպիտակամորթ տղամարդկանց, որոնք ամուսնանալու առաջարկություն էին անում, ինչպես ընդունված է սպիտակների մոտ՝ մատանիով, տերտերով ու սուրբ գրքի վրա արված երդումով։ Բանն այն էր, որ Թանանում ապրում էր մի պատանի՝ Ակուն անունով, Էլ-Սուին արյունակից, նույն ցեղից ու նույն գյուղակից։ Աղջկան թվում էր, թե նա ամենից ուժեղն է ու ամենից գեղեցիկը։ Նա նշանավոր որսորդ էրէ բայց քանի որ հաճախ էր հեռու երկրներում ճանապարհորդում, ապա հարստություն չուներ։ Նա եղել էր անծանոթ ու վայրի տեղերում, ճանապարհորդել էր Սիթիում և մինչև անգամ Միացյալ Նահանգներում, մայրցամաքը կտրել անցել էր մինչև Հուդզոնի ծոցը ու ետ եկել, փոկեր էր որսացել և նավով մինչև Սիբիր ու Ճապոնիա հասել։

Վերադառնալով Քլոնդայքի ոսկու հանքերից, նա սովորականի նման եկավ մեծ տունը, որ ծերունի Քլակի-Նային պատմի այն բոլոր բաների մասին, ինչ տեսել էր արար աշխարհում և հենց այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Էլ-Սուին, որն արդեն երեք տարի կլիներ, ինչ վերադարձել էր միաբանությունից։ Դրանից հետո Ակունը այլևս ճանապարհորդելու չգնաց։ Նա հրաժարվեց որպես լոցման աշխատել մեծ շոգենավերի վրա, չնայած նրան օրեկան տասներկու դոլար էին առաջարկում։ Նա մեկ-մեկ որսի էր գնում, ձուկ էր բռնում, բայց երբեք շատ չէր հեռանում Թանանից և հաճախ էր երկար ժամանակով լինում մեծ տանը։ Էլ-Սուն նրան համեմատում էր մյուս տղամարդկանց հետ և գտնում, որ սա բոլորից էլ լավն է։ Ակունը աղջկա համար երգում էր, այրվում սիրո կրակից և շուտով ամբողջ գյուղն իմացավ, որ նա սիրահարված է Էլ-Սուին։ Պորպորտուկը միայն ատամներն էր կրճտացնում և մեծ տունը պահելու համար փող էր տալիս։

Եվ ահա եկավ Քլակի-Նայի վերջին, նախամահյան կերուխումը։ Նա նստած էր սեղանի մոտ և նրա կոկորդին դեմ էր առել մահը, որին գինով չէր կարելի քշել։ Նրա շուրջը հնչում էին ծիծաղը, կատակները և երգերը, Ակունը այնպիսի բաներ էր պատմում, որ առաստաղը դղրդում էր քրքիջից։ Այդ սեղանի շուրջը ոչ արցունք կար, ոչ էլ հառաչանք։ Բոլորին էլ շատ բնական էր թվում, որ Քլակի-Նայը պետք է այնպես մեռնի, ինչպես ապրել է, և ոչ ոք այդ բանը ավելի լավ չէր հասկանում, քան Էլ-Սուն՝ արվեստագետի իր նրբազգացությամբ։ Խնջույքին, առաջվա նման, հավաքվել էին բոլոր հին ընկերները և, բացի դրանից, երեք ցրտահարված նավաստիներ, որոնք հենց նոր էին վերադարձել Արկտիկայում կատարած ճամփորդությունից և յոթանասունչորս մարդուց բաղկացած անձնակազմից միայն նրանք էին փրկվել։ Քլակի-Նայի հետևում կանգնած էին չորս ծերունիներ, այն վերջին սպասավորները, որոնք ծառայել էին նրան դեռ ջահել ժամանակ։ Արցունքակալված աչքերով նրանք հետևում էին առաջնորդի ամեն մի շարժումին, դողդոջուն ձեռքերով լցնում էին նրա բաժակները և խփում էին նրա թիակների մեջտեղը, երբ մահը բարձրացնում էր իր գլուխը և Քլակի-Նայը սկսում էր հազալ ու շնչակտուր լինել։

Կերուխումի գիշեր էր, ժամերն անցնում էին, չորս կողմը ուրախությունն ու ծիծաղն էր թագավորում, և ահա մահը նորից շարժվեց Քլակի-Նայի կոկորդում։ Այդ ժամանակ նա մարդ ուղարկեց Պորպորտուկի հետևից։ Եվ այդ ցուրտ գիշերով եկավ Պորպորտուկը, դժգոհ նայեց սեղանին դրված այն մսին ու գինուն, որի փողը ինքն էր վճարել։ Բայց երբ նրա հայացքը սահեց կարմրած դեմքերի երկար շարքի վրայով և սեղանի հեռավոր ծայրին տեսավ Էլ-Սուի դեմքը, նրա աչքերը վառվեցին ու դժգոհությունը մի ակնթարթում անհետացավ նրա երեսից։

Նրան նստեցրին Քլակի-Նայի կողքին և առջևը մի բաժակ դրեցին։ Իր իսկ ձեռքով Քլակի-Նայը կրակե ըմպելիքով լցրեց նրա բաժակը։

— Խմի՛ր,— ձայնեց նա,— մի՞թե լավը չէ։

Եվ Պորպորտուկի աչքերը խոնավացան։ Նա ի նշան համաձայնության՝ խոնարհեց գլուխն ու չպպացրեց շրթունքները։

— Քո տանը երբևէ այսպիսի գինի խմած կա՞ս,— հարցրեց Քլակի-Նայը։

— Չեմ ժխտի, որ այս խմիչքը լավն է իմ ծեր կոկորդի համար, բայց...— պատասխանեց Պորպորտուկը ու լռեց, ասես չէր ցանկանում մինչև վերջ բացվել։

— Բայց սա շատ թանկ արժե,— ծիծաղեց Քլակի-Նայը, վերջացնելով նրա փոխարեն։

Պորպորտուկը ցնցվեց ծիծաղից, որը տարածվեց ամբողջ սեղանի երկարությամբ։ Նրա աչքերը վառվեցին ինչ֊որ չար կրակով։

— Մենք միասին ենք մեծացել և միևնույն տարիքին ենք,— ասաց նա,— բայց քո կոկորդում նստած է մահը, իսկ ես ողջ֊առողջ եմ և կյանքով լի։

Հավաքվածների մեջ մի սպառնալից քրթմնջոց ընկավ։ Քլակի-Նայը հազաց, շունչը կտրվեց, իսկ ծերունի ծառաները սկսեցին թփթփացնել թիակների մեջտեղը։ Քլակի-Նայը դժվարությամբ շունչը ետ բերեց և բարձրացրեց ձեռքը, որպեսզի հանգստացնի իր գրգռված հյուրերին։

— Դու ափսոսացիր քո սեփական տանը կրակ վառել, որովհետև փայտը շա՜տ թանկ էր,— ասաց նա։— Դու ժլատություն արեցիր ապրելու համար։ Կյանքը չափազանց թանկ բան է, իսկ դու չցանկացար վճարել նրա գինը։ Քո կյանքը նման էր այն խրճիթին, որտեղ ոչ կրակ կա, ոչ էլ հատակին փռված վերմակ։— Նա նշան արեց ծառաներին, որ բաժակները լցնեն և բարձրացրեց լիքը բաժակը։— Իսկ ես ապրեցի։ Կյանքը ինձ այնպես ջերմացրեց, որ քեզ երբեք այդպես չի ջերմացրել։ Ճի՛շտ է, դու դեռ երկար կապրես։ Բայց ամենաերկար գիշերները ցուրտ գիշերներն են, երբ մարդ դողում է ու չի կարողանում քնել։ Իմ գիշերները կարճ էին, բայց ես տաք էի քնում։

Նա դատարկեց իր բաժակը։ Ծառաների դողդոջուն ձեռքերը չհասցրեցին վերցնել և բաժակը ներքև ընկավ։ Քլակի-Նայը ծանր շնչելով ետ ընկավ աթոռի թիկնակին և աչքերով հետևեց, թե հյուրերը ինչպես են դատարկում իրենց բաժակները, ու նրա շրթունքները ժպտացին ի պատասխան խրախուսող կանչերի։ Նա նշան արեց և երկու ծառաները փորձեցին նորից ուղիղ նստեցնել նրան։ Բայց նրանք ծեր էին ու թույլ, իսկ Քլակի-Նայը հզոր մարմին ուներ, այդ ժամանակ օգնության եկան էլի երկու ծառաներ և նրանք չորսով, մեծ դժվարությամբ, նստեցրին նրան։

— Բայց քեզ չկանչեցի, որ խոսենք այն մասին, թե ով ինչպես է ապրում,— շարունակեց Քլակի-Նայը։— Քեզ հետ, Պորպորտուկ, այսօր ուրիշ գործ ունեմ։ Պարտքը դժբախտության է, իսկ ես քեզ պարտք եմ։ Ինչքա՞ն եմ քեզ պարտք։

Պորպորտուկը փորփրեց իր դրամապանակը և այնտեղից մի թուղթ հանեց։ Մի կում գինի խմելով, նա սկսեց.

— Ահա 1889 թվականի օգոստոսի երեք հարյուր դոլարի ստացականը։ Տոկոսները չեն վճարված։ Ստացական հաջորդ տարվա համար։ Հինգ հարյուր դոլարի։ Այս պարտքը մտցվեց հազար դոլարի այն ստացականի մեջ, որն ինձ տվեցիր երկու ամիս հետո։ Մի ստացական էլ կա...

— Սատանա՜ն տանի այդ բոլոր ստացականները չհամբերեց Քլակի-Նայը։— Դրանից գլուխս սկսեց պտտվել և ամեն ինչ խառնեցի իրար։ Բոլորը ինչքա՞ն է։ Քեզ ինչքա՞ն եմ պարտք։

Պորպորտուկը նայեց թղթերին.

— Տասնհինգ հազար ինը հարյուր վաթսունյոթ դոլար և յոթանասուն սենթ,— հաշվեց նա։

— Թող տասնվեց հազար դոլար լինի,— մեծահոգաբար ասաց Քլակի-Նայը,— հաշվիր, թե տասնվեց հազար է։ Ոչ կլոր թվերը ինձ շփոթության մեջ են գցում։ Իսկ հիմա, հենց դրա համար էլ քեզ կանչել եմ, տասնվեց հազարի մի նոր ստացական գրիր և ես կստորագրեմ։ Ինձ համար մեկ է, թե դու ի՛նչ տոկոսներ ես վերցնում։ Գրիր ինչքա՜ն ուզում ես և նշիր, որ այդ պարտքը ես կվերադարձնեմ այն աշխարհում, ուր մենք կհանդիպենք բոլոր հնդկացիների Մեծ Հոր խարույկի մոտ։ Այնտեղ ես կվճարեմ այդ ստացականով։ Այդ բանը ես խոստանում եմ։ Քլակի-Նայի խոսքով եմ երդվում։

Պորպորտուկը շփոթվեց, իսկ ներկաների բարձրաձայն քրքիջը ցնցեց պատերը։ Քլակի-Նայը բարձրացրեց ձեռքը։

— Ո՛չ,— բացականչեց նա։— Սա կատակ չէ։ Ես ազնվորեն եմ ասում։ Հենց դրա համար էլ քո հետևից մարդ ուղարկեցի, Պորպորտուկ։ Գրիր ստացականը։

— Ես այն աշխարհի հետ ոչ մի գործ չունեմ,— դանդաղ ասաց Պորպորտուկը։

— Մի՞թե դու հավատացած չես, որ կհանդիպես ինձ Մեծ Հոր մոտ,— հարցրեց Քլակի-Նայը և ապա ավելացրեց։— Ես անպայման այնտեղ կլինեմ։

— Ես այն աշխարհի հետ ոչ մի գործ չունեմ,— գրգռված կրկնեց Պորպորտուկը։

Մեռնողը նրան նայեց անկեղծ զարմանքով։

— Ես ոչինչ չգիտեմ այդ աշխարհի մասին,— բացատրեց Պորպորտուկը։- Իմ գործերը ես այստեղ եմ անում, երկրի վրա։

Քլակի-Նայի դեմքին ժպիտ երևաց։

— Դա նրանից է, որ քո գիշերները ցուրտ են,— ծիծաղեց նա։ Որոշ ժամանակ լռեց, ապա ավելացրեց։— Ուրեմն, դու ուզո՞ւմ ես քո փողերը ստանալ այստեղ, երկրի վրա՞։ Դե, ի՛նչ արած ինձ միայն այս տունն է մնացել։ Վերցրու տունը և պարտամուրհակները այրիր մոմի վրա։

— Այս տունը շա՜տ հին է և այդքան չարժե,— պատասխանեց Պորպորտուկը։

— Ես ոսկեբեր հող ունեմ Ծուռ Սաղմոնի մոտ։

— Այդ հողերը երբեք չեն արդարացնի իրենց։

— Այդ դեպքում... ես բաժին ունեմ «Քոյկուկ» շոգենավի մեջ։ Դրա կեսը իմն է։

— Շոգենավը հիմա Յուքոնի հատակում է։

Քլակի-Նայը ցնցվեց։

— Ճիշտ որ, ես մոռացել էի։ Դա պատահեց անցած գարնանը, երբ սառույցը սկսեց շարժվել։

Քլակի-Նայը մտքերի մեջ ընկավ։ Ոչ ոք բաժակներին ձեռք չտվեց, սպասելով, որ նա խոսի։

— Պարզվում է, որ ես այնքա՜ն փող եմ բեզ պարտք, որ չեմ կարող վճարել... այստեղ, երկրի վրա։

Պորպորտուկը գլխով արեց և շուրջը նայեց։

— Ուրեմն ստացվում է որ դու, Պորպորտուկ, գործ անել չգիտես,— ծաղրանքով ասաց Քլակի-Նայը։

Պորպորտուկը հանդգնաբար պատասխանեց.

— Ո՛չ, այդպես չէ։ Դու մի սեփականություն էլ ունես։

— Ի՛նչ,— բացականչեց Քլակի-Նայը։— Դեռ էլի՞ բան ունեմ։ Ասա՛, ինչ ունեմ։ Դա քոնը կլինի և պարտքս կմարեմ։

— Ահա նա՛,— Պորպորտուկը ցույց տվեց Էլ-Սուին։

Քլակի-Նայը չհասկացավ։ Նա նայեց այն կողմը, ուր ցույց տվեց Պորպորտուկը, տրորեց աչքերը և նորից նայեց։

— Քո դուստր Էլ-Սուն... Տուր ինձ և պարտքը վճարված կլինի։ Ես հենց հիմա, այս մոմի վրա, կայրեմ քո բոլոր ստացականները։

Քլակի-Նայը հզոր կուրծքը ցնցվեց։

— Հա՛, հա՛... Ա՜յ քեզ կատակ։ Հա՛, հա՛, հա՛,— Քլակի-Նայը բռնվեց հոմերական ծիծաղով։֊— Եվ այն էլ քո սա՜ռը անկողնով ու աղջիկներով, որոնք Էլ-Սուի համար մոր տեղ կարող են լինել։ Հա՛, հա՛, հա՛։

Նա սկսեց հազալ, շունչը կտրվեց և ծերունի ծառաները սկսեցին թփթփացնել նրա մեջքը։

— Հա՛, հա՛, հա՛,— նորից ծիծաղեց Քլակի-Նայը և դարձյալ շունչը սկսեց կտրվել։

Պորպորտուկը համբերությամբ սպասում էր։ Նա կում-կում խմում էր իր բաժակից և նայում սեղանի երկու կողմերում նստած մարդկանց դեմքներին։ Ի վերջո ասաց.

— Դա կատակ չէ։ Ես բա՛ն եմ ասում...

Քլակի-Նայը անմիջապես զգաստացավ, նայեց Պորպորտուկին և ձեռքը մեկնեց դեպի բաժակը բայց չկարողացավ հասնել։ Ծառաներից մեկը տվեց բաժակը և Քլակի-Նայը այդ բաժակը իր պարունակությամբ շպրտեց Պորպորտուկի դեմքին։

— Դո՛ւրս գցեք դրան,— որոտաց Քլակի-Նայը, դառնալով սեղան նստածներին, որոնք որսկան շների ոհմակի նման ձգելով իրենց վզափոկերը, ասես սպասում էին տիրոջ ազդանշանին։ — Գցե՛ք դրան ձյուների մեջ։

Երբ մարդկային կատաղի կծիկը գլորվեց նրա կողքով և դռնից դուրս եկավ, Քլակի-Նայը նշան արեց իր ծառաներին, և չորս դողդոջուն ծերունիներ օգնեցին նրան կանգնելու ոտքի վրա, բարձրացրած բաժակով դիմավորելու վերադարձող քեֆասերներին, առաջարկելով խմել կարճ գիշերների կենացը, երբ մարդ տաք է քնում։


Քլակի-Նայի խճճված գործերից գլուխ հանելու համար շատ քիչ ժամանակ պահանջվեց։ Էլ-Սուն իրեն օգնելու համար հրավիրեց անգլիացի Թոմմիին, ֆակտորիայի կրտսեր գործակալին։ Քլակի-Նային էլ ոչինչ չմնաց, բացի պարտքից, ժամկետանց մուրհակներից, գրավաթղթերից ու գրավ դրված սեփականությունից, որը այլևս ոչինչ չարժեր։ Բոլոր պարտամուրհակները և գրավաթղթերը գտնվում էին Պորպորտուկի մոտ։ Թոմմին ուսումնասիրելով տոկոսները, որ Պորպորտուկն էր վերցնում, ամեն անգամ նրան գող էր անվանում։

— Դա պա՞րտք է, Թոմմի,— հարցնում էր Էլ-Սուն։

— Թալա՜ն է,— պատասխանում էր Թոմմին։

— Այնուամենայնիվ, պա՛րտք է,— պնդում էր էլ-Սուն։

Ձմեռն անցավ, երկավ գարունը, իսկ Պորպորտուկի պարտքը դեռ չէին վճարել։ Նա հաճախ էր գալիս Էլ-Սուի մոտ և ամեն անգամ հանգամանորեն բացատրում էր, ինչպես մի անգամ բացատրել էր նրա հորը, թե ինչ ճանապարհով կարելի է մարել այդ պարտքը։ Նա մինչև անգամ իր հետ բերեց ծեր շամանին, որը բացատրեց՝ եթե պարտքը չվճարվի, ապա հորը վիճակված է հավիտյան անեծք կրել։ Եվ, վերջապես, մի այդպիսի այցելությունից հետո Էլ-Սուն Պորպորտուկին հայտնեց իր վերջնական որոշման մասին։

— Ես քեզ երկու բան կասեմ,— ասաց աղջիկը։— Առաջինը՝ երբեք քո կինը չեմ լինի։ Հիշի՛ր դա։ Իսկ երկրորդը՝ դու կստանաս քո տասնվեց հազար դոլարը, բոլորը, մինչև վերջին սենթը...

— Տասնհինգ հազար, ինը հարյուր վաթսուն յոթ դոլար և յոթանասունհինգ սենթ,— ուղղեց Պորպորտուկը։

— Հայրս ասել է տասնվեց հազար,— պատասխանեց աղջիկը։ Դու կստանաս այդ փողը։

— Իսկ ինչպե՞ս։

— Դեռ չգիտեմ, թե ինչպես, բայց միջոց կգտնեմ։ Հիմա հեռացի՛ր և ինձ այլևս մի՛ ձանձրացրու։ Իսկ եթե կշարունակես հետևիցս ընկնել...— նա մի պահ լռեց, հարմար պատիժ ընտրելով,— եթե կշարունակես հետևիցս ընկնել, ես կհրամայեմ քեզ նորից շպրտել ձյուների մեջ, հենց որ առաջին ձյունը գա։

Այս խոսակցությունը տեղի ունեցավ վաղ գարնանը, իսկ շուտով Էլ-Սուն զարմացրեց ամբողջ աշխարհին։

Հուլիսին, երբ սաղմոնը սկսի շարժվել, էլ-Սուն, Քլակի-Նայի աղջիկը, աճուրդով պիտի վաճառի իրեն Պորպորտուկի պարտքը վճարելու համար։ Այդ լուրը տարածվեց ամբողջ Յուքոնով մեկ, Չիլկութից մինչև Յուքոնի դելտան, իջևանատեղից իջևանատեղ անցավ և հասավ մինչև ամենահեռավոր ճամբարը։ Փորձեցին համոզել Էլ-Սուին, որ ետ կանգնի իր որոշումից, բայց իզուր։ Սուրբ Գեորգի միաբանության եկեղեցականներից մեկը երկար Ժամանակ տաք-տաք համոզում էր նրան, բայց աղջիկը պատասխանեց.

— Այն աշխարհում պարտքերը վճարվում են միայն տեր աստծուն։ Մարդկանց պարտքերը պետք է վճարվեն այստեղ, երկրի վրա։ Եվ հենց այստեղ էլ դրանք կվճարվեն։

Ակունը փորձեց հակառակը համոզել, բայց աղջիկը նրան պատասխանեց.

— Այո՛, սիրում եմ քեզ, Ակուն, բայց պատիվը բարձր է սիրուց։ Մի՞թե ես կարող եմ խայտառակել իմ հորը։

Սուրբ Խաչի միաբանությունից հենց առաջին իսկ շոգենավով եկավ քույր Ալբերտան, բայց նույնպես ոչինչ չկարողացավ փոխել։

— Իմ հայրը թափաոում է խուլ ու անվերջանալի մի անտառում,— պատասխանեց նրան Էլ-Սուն,— և նրան վիճակված է թափառել հեկեկացող ու անհանգիստ հոգիների մեջ այնքան ժամանակ, մինչև որ պարտքը վճարվի։ Այն ժամանակ, միայն ա՛յն ժամանակ, նա կարող է մտնել Մեծ Հոր տունը։

— Եվ դու հավատո՞ւմ ես դրան,— հարցրեց քույր Ալբերտան։

— Չգիտե՛մ,— պատասխանեց Էլ-Սուն,— հայրս հավատում էր։

Քույր Ալբերտան կասկածանքով թոթվեց ուսերը։

— Ո՜վ գիտի,— շարունակեց Էլ-Սուն,— գուցե այն աշխարհը իսկապես այնպիսին է, ինչպիսին մենք ենք պատկերացնում։ Ինչո՞ւ չէ։ Չեզ համար այն աշխարհը երկինքն է, ուր տավիղ են նվագում... դրա համար էլ դուք հավատում եք երկնքին ու այնտեղ եղած տավիղներին։ Իսկ իմ հոր համար հանդերձյալ աշխարհը մի մեծ տուն է, ուր ինքը հավիտյան խնջույք պիտի անի աստծու հետ միասին։

— Իսկ դո՞ւ,— հարցրեք քայր Ալբերտան,— դու ինչպիսի՞ն ես պատկերացնում հանդերձյալ աշխարհը։

Էլ-Սուն մի պահ մտքերի մեջ ընկավ։

— Ես կուզեի երկուսից էլ մի քիչ,— ասաց նա։— Կուզեի հանդիպել այնտեղ և ձեզ, և հորս։

Եկավ աճուրդի օրը։ Թանանը լցվեց մարդկանցով։ Սովորության համաձայն այդպիսի օրերին հավաքվում էին հնդկացի ցեղերը և սպասում, թե սաղմոնը երբ պիտի շարժվի, իսկ մինչ այդ զբաղվում էին պարերով ու խաղերով, առևտուր էին անում և բամբասում։ Այստեղ էին հավաքվում արկած որոնողները, առևտրականները, ոսկեխույզները և դրանց հետ էլ սպիտակամորթ մարդիկ, որոնց այստեղ էր բերում հետաքրքրությանը կամ սեփական հաշիվը։

Այդ տարի գարունը ուշ եկավ։ Ուշացավ և սաղմոնը։ Այս ուշացումը ավելի բորբոքեց ընդհանուր հետաքրքրությունը։ Իսկ աճուրդի օրը Ակունի պատճառով լարվածությունը ավելի մեծացավ։ Նա բոլորի ներկայությամբ հանդիսավոր հայտարարեց, որ ով գնի Էլ-Սուին, անմիջապես կմեռնի։ Այս ասելիս նա թափահարեց ձեռքի վինչեստերը, ցույց տալով, թե մահը որտեղից պիտի գա։ Էլ-Սուն զայրացավ, բայք Ակունը հրաժարվեց խոսել նրա հետ և ֆակտորիա գնաց, փամփուշտների պաշար վերքնելու։

Առաջին սաղմոնը բռնեցին երեկոյան ժամը տասին, իսկ կեսգիշերին սկսվեց աճուրդը։

Աճուրդը գնում էր Յուքոնի բարձրադիր ափին։ Հորիզոնի հետևում ծածկված արևը շտապում էր դեպի հյուսիս, և երկինքը ծածկված էր չարագուշակ բոսորագույն ամպերով։ Հենց զառիթափի մոտ դրված էր մի սեղան և երկու աթոռ, իսկ շուրջը հսկայական բազմություն էր հավաքվել։ Առաջին շարքերում կանգնած էին բազմաթիվ սպիտակամորթ մարդիկ և ցեղերի մի քանի առաջնորդներ։ Իսկ առջևում, ամենից աչքի ընկնող տեղում, հրացանը ձեռքին, կանգնած էր Ակունը։ Թոմմին, Էլ-Սուի խնդրանքով, աճուրդախոսի պարտականությունը իր վրա վերցրեց, իսկ աճուրդը բացեց ինքը՝ Էլ-Սուն, որը նկարագրեց վաճառքի հանված ապրանքը։ Ազգային տարազ հագած, առաջնորդի դստեր հագուստով, վայրի հոյակապությամբ նա բարձրացավ աթոռին, որպեսզի բոլորը կարողանան լավ նայել իրեն։

- Ո՞վ է ուզում իր համար կին գնել,— դարձավ նա հավաքվածներին։— Նայեցե՛ք ինձ։ Ես քսան տարեկան եմ և կույս։ Ես լավ կին կլինեմ նրա համար, ով ինձ կգնի։ Եթե գնողը սպիտակամորթ տղամարդ լինի, ես կհագնվեմ այնպես, ինչպես սպիտակ կանայք են հագնվում, եթե հնդկացի լինի, ես կհագնվեմ...— նա մի պահ տատանվեց,— կհագնվեմ, ինչպես սքվո։ Ես կարողանում եմ ինքս ինձ համար զգեստ կարել, կարողանում եմ լվանալ ու կարկատել։ Ինձ ութ տարի այդ բանն են սովորեցրել Սուրբ Խաչի միաբանությունում։ Ես կարող եմ անգլերեն գրել ու կարդալ, գիտեմ երգեհոն նվագել։ Բացի դրանից, գիտեմ թվաբանության ու մի քիչ էլ հանրահաշիվ, շատ քիչ։ Ինձ կարող է գնել այն մարդը, որն ամենաբարձր գինը կառաջարկի և ես նրան ստացական կտամ, որ ինքս եմ վաճառել ինձ։ Հա՛, մոռացա ասել, որ լավ եմ երգում և կյանքումս երբեք չեմ հիվանդացել։ Իմ քաշը հարյուր երեսուներկու ֆունտ է, հայրս մահացել է, ուրիշ ազգականներ չունեմ։ Ո՞վ է ուզում ինձ գնել։

Այրող ու համարձակ հայացք նետելով հավաքվածներին, նա իջավ աթոռից։ Թոմմին նրան առաջարկեց նորից բարձրանալ աթոռին, իսկ ինքը բարձրացավ մյուսի վրա և սկսեք աճուրդը։

Էլ-Սուի շուրջը կանգնած էին հոր չորս ծերունի ծառաները։ Ծերությունից կորացել էր նրանց մեջքները, դարձել թույլ ու անօգնական։ Վաղուց արդեն անհետացած սերնդի այդ ներկայացուցիչները, որոնք առանց որևէ հետաքրքրության նայում էին երիտասարդների արարքներին, մտածում էին միայն ուտելու մասին։

Ամբոխի առջևում տեղ էին բռնել Բոնանցայի և Էլդորադոյի մի քանի արքաներ, իսկ նրանց կողքին, հենակները թևերի տակ, ցինգայից ուռած, կանգնած էին երկու ձախողակ ոսկեխույզներ։ Խիտ ամբոխի միջից դուրս էր պրծել Վերին Թանանից եկած մի սքվո, հետաքրքրությունից չռված աչքերով։ Ծովափից եկած սիթխը կանգնած էր Լե-Բարժ լճից եկած սիթխի կողքին։ Իսկ նրանցից քիչ հեռու իրար մոտ էին հավաքվել ուղեկցորդ վեց կանադացիներ։ Հեռվից լսվում էր անհամար վայրի թռչունների խուլ աղմուկը՝ իրենց բարձրիկ բներից։ Ծիծեռնակները սլանում էին մարդկանց գլուխների ու Յուքոնի հանդարտ ջրերի վրայով, երդում էին հավալուսները։ Անտեսանելի արևի թեք ճառագայթները թափանցում էին ծխի քուլաների միջով, որը բարձրանում էր անտառային հրդեհներից, այդտեղից հազարավոր մղոններ հեոու, ինչ-որ մի տեղ, և երկինքը ներկում մռայլ բոսոր գույներով։ Արևի անդրադարձող լույսից հողն էլ էր կարմրավուն դարձել։ Այդ անդրադարձված լույսը ընկնում էր հավաքվածների դեմքներին և նրանց ինչ-որ անդրշիրիմյան ու ֆանտաստիկ տեսք էր տալիս։


Սկզբում գինը շատ դժվարությամբ էր բարձրանում։ Մի սիթխ, որն առաջին անգամ էր այս տեղերում լինում և եկել էր աճուրդից ընդամենը կես ժամ առաջ, վստահորեն հարյուր դոլար առաջարկեց և շատ զարմացավ, երբ Ակունը հրացանը ձեռքին սպառնալից իր կողմը եկավ։ Ոչ ոք նոր գին չառաջարկեց։ Հետո Տոցիկակատցի մի հնդիկ լոցման առաջարկեց հարյուր հիսուն դոլար, իսկ քիչ հետո մի խաղամոլ, որին քշել էին Վերին Յուքոնից, գինը մինչև երկու հարյուր դոլարի հասցրեց։ Էլ-Սուն սկսեց տանջվել։ Նրա ինքնասիրությունը վիրավորված էր, բայց ցույց չէր տալիս, միայն զայրույթով էր նայում ամբոխին։

Հավաքվածների մեջ խլրտում ընկավ, երբ Պորպորտուկը սկսեց ամբոխի միջով առաջ շարժվել։

— Հի՜նգ հարյուր դոլար,— բացականչեց նա և հպարտ-հպարտ շուրջը նայեց, տեսնելու համար, թե ի՛նչ ազդեցություն գործեց իր առաջարկած գումարը։

Նա որոշել էր իր հսկայական հարստությունը օգտագործել որպես մահակ, որի օգնությամբ կարող էր հենց սկզբից էլ խաղից դուրս շպրտել իր մրցակիցներին։ Բայց ուղեկցորդ կանադացիներից մեկը, վառվող հայացքով նայելով Էլ-Սուին, գինը հարյուր դոլարով բարձրացրեց։

— Յոթ հարյո՜ւր,— անմիջապես արձաղանքեց Պորպորտուկը։

Նույն պատրաստակամությամբ ուղեկցորդը պատասխանեց նրան.

— Ո՜ւթ հարյուր։

Այդ Ժամանակ Պորպորտուկը նորից մեջտեղ բերեց իր ծանր մահակը։

— Հազար երկու հարյուր,— ձայնեց նա։

Ուղեկցորդի դեմքին մի դառն հիասթափություն երևաց և նա ստիպված իրեն պարտված ճանաչեց։ Գումարը ոչ ոք չբարձրացրեց։ Թոմմին ինչքան շնորհք ուներ թափեց, բայց ոչ ոք նոր առաջարկություն չարեց։

Էլ-Սուն դարձավ Պորպորտուկին.

— Պորպորտուկ, դու պետք է մի լավ ծանրութեթև անես քո արարքը։ Մի՞թե մոռացել ես, թե ի՜նչ ասացի. ես երբեք քո կինը չեմ լինի։

— Սա հասարակական աճուրդ է,— առարկեց Պորպորտուկըև ես կգնեմ քեզ, ինչպես օրենքն է։ Ես առաջարկել եմ հազար երկու հարյուր դոլար։ Առայժմ դու էժան արժես։

— Շա՜տ էժան, սատանան տանի,— բացականչեց Թոմմին։— Ի՞նչ անենք, որ ես աճուրդախոս եմ։ Ինձ ոչ ոք չի կարող արգելել մասնակցելու սակարկությանը։ Ես առաջարկում եմ հազար երեք հարյուր։

— Հազար չորս հարյուր,— արձագանքեց Պորպորտուկը։

— Ես կգնեմ քեզ և դու կլինես իմ քույրը,— ասաց Թոմմին Էլ-Սուին և ապա բարձրաձայն ասաց,— հազար հինգ հարյուր։

Երբ գինը հասավ մինչև երկու հազար, աճուրդի մեջ մտավ Էլդորադոյի արքաներից մեկը, իսկ Թոմմին խաղից դուրս եկավ։

Երրորդ անգամ Պորպորտուկը մեջտեղ բերեց իր հարստության ծանր մահակը և գինը միանգամից հինգ հազար դոլարով բարձրացրեց։ Էլդորադոյի արքայի ինքնասիրությունը վիրավորվեց։ Ո՞վ է համարձակվել իրենից առաջ անցնել։ Եվ նա գինը նորից հինգ հարյուր դոլարով բարձրացրեց։

Հիմա Էլ-Սուին տալիս էին երեք հազար դոլար։ Պորպորտուկը գինը բարձրացրեց մինչև երեք հազար հինգ հարյուրի և զարմանքից բերանը բացեց, երբ Էլդորադոյի արքան միանգամից գինը հազար դոլարով բարձրացրեց։ Պորպորտուկը նորից հինգ հարյուր դոլար ավելացրեց և նորից զարմանքից շշմեց, երբ էլդորադոյի արքան էլի հազար դոլար ավելացրեց։

Պորպորտուկը սկսեց զայրանալ։ Նրա համար վիրավորական էր, որ ինչ-որ մեկը մարտահրավեր է նետում իր հզորությանը, որը մարմնավորված էր նրա հարստության մեջ։ Նա չէր կարող թույլ տալ, որ իրեն ստորացնեն մարդկանց աչքի առաք։ Բանը հիմա Էլ-Սուն չէր։ Նա պատրաստ էր քամուն տալ այն բոլորը, ինչ հավաքել էր իր կյանքի ցուրտ ու երկար գիշերների ընթացքում։ Էլ-Սուի գինը արդեն հասել էր վեց հազարի։ Պորպորտուկը առաջարկեց յոթ հազար։ Դրանից հետո գները սկսեցին հազարներով աճել այնպիսի արագությամբ, որ աճուրդի մասնակիցները հազիվ էին հասցնում իրենց գումարը ասել։ Երբ գինը հասավ տասնչորս հազարի, երկուսն էլ լռեցին, որպեսզի շունչները ետ բերեն։

Բայց հենց այդ ժամանակ էլ մի անսպասելի բան եղավ։ Պայքարի մեջ մտավ մի ավելի ծանրակշիռ մահակ։ Վերին Յուքոնից եկած խաղամոլը, որն օգտավետ գործի հոտ առավ, վրա հասած դադարի ընթացքում իր մի քանի ընկերների հետ գինը մինչև տասնվեց հազար դոլարի հասցրեց։

— Տասնյո՜թ հազար,— խզված ձայնով ասաց Պորպորտուկը։

— Տասնո՛ւթ հազար,— վբա բերեց արքան։

Պորպորտուկը հավաքեց իր ուժերը։

— Քսա՜ն հազար։

Ընկերները դուրս եկան խաղից։ Էլդորադոյի արքան գինը նորից հազարով բարձրացրեց։ Պորպորտուկը նույնպես և մինչև նրանք փոխնիփոխ բարձրացնում էին գինը, Ակունը շրջվում էր մերթ մեկի, մերթ մյուսի կողմը և նայում էր նրանց սպառնալի ու միաժամանակ հետաքրքրված հայացքով, կարծես ուզում էր պարզել, թե իրենից ի՞նչ է ներկայացնում այն մարդը, որին ինքը պիտի սպանի։ Արքան պատրաստվեց նորից բարձրացնելու գինը, և Ակունը սկսեց կամաց֊կամաց մոտենալ նրան, իսկ վերջինս նախքան գինն ասելը, ձեռքը տարավ կողքից կախված ատրճանակին։

— Քսաներեք հազար։

— Քսանչո՜րս հազար,— պատասխանեց Պորպորտուկը։ Այս ասելիս նա չարախինդ քմծիծաղ տվեց, նկատելով, թե ինչպես այն վստահությունը, որով ինքը բարձրացրեց գինը, տատանման մեջ գցեց արքային։ Սա ավելի մոտեցավ Էլ-Սուին, երկար և ուշադիր նայեց նրան։

— Էլի հինգ հարյուր,— ի վերջո ասաց նա։

— Քսանհի՜նգ հազար,— Պորպորտուկը նորից բարձրացրեց գինը։

Արքան երկար նայեց Էլ-Սուին և օրորեց գլուխը։ Հետո մի անգամ էլ նայեց ու դժկամ, ատամների արանքից ասաց.

— Էլի հինգ հարյուր։

— Քսանվե՜ց հազար,— վրա բերեց Պորպորտուկը։

Արքան շրջվեց, որպեսզի չտեսնի Թոմմիի աղերսող աչքերը։ Մինչ այդ Ակունը սկսել էր մոտենալ Պորպորտոլկին։ Էլ-Սուն անմիջապես նկատեց այդ բանը և մինչ Թոմմին համոզում էր Էլդորադոյի արքային մի անգամ էլ գինը բարձրացնել, աղջիկը թեքվեց և իր ծերունի ծառայի ականջին ինչ-որ բան շշնջաց։ Եվ մինչ Թոմմիի բառերը «Վաճառվո՜ւմ է... Վաճառվում է... Վաճառվո՜ւմ է...» հնչում էին օդում, ծառան մոտեցավ Ակունին և նույնպես նրա ականջին ինչ֊որ բան շշնջաց։ Չնայած Էլ֊Սուն անհամբեր նրան էր նայում, բայց Ակունը ցույց չտվեց, թե գոնե մի բան լսել է։

— Վաճառվա՜ծ է,— հնչեց Թոմմիի ձայնը։— Վաճառվա՛ծ է Պորպորտուկին քսանվեց հազար դոլարով։

Պորպորտուկը երկյուղած նայեց Ակունին։ Բոլորի հայացքները ուղղվեցին Ակունին, բայց նա կանգնած էր լուռ ու անշարժ։

— Թո՛ղ կշեռքը բերեն,— ասաց Էլ-Սուն։

— Ես իմ տանը կվճարեմ,— ասաց Պորպորտուկը։

— Թո՛ղ կշեռքը բերեն,— կրկնեց Էլ-Սուն։— Վճարումը պետք է այստեղ լինի, որպեսզի բոլորը տեսնեն։

Ֆակտորիայից կշեռք բերեցին, իսկ Պորպորտուկը մինչ այդ տուն գնաց և վերադարձավ մի մարդու ուղեկցությամբ, որը շալակել էր սաղմոնի կաշվից պատրաստված տոպրակները՝ լիքը լցված ոսկե ավազով, նրանից բացի, Պորպորտուկի հետևից գալիս էր մի մարդ, հրացանը ձեռքին, որն իր աչքը Ակունից չէր կտրում։

— Ահա պարտամուրհակներն ու գրավաթղթերը՝ տասնհինգ հազար ինը հարյուր վաթսունյոթ դոլարի և յոթանասունհինգ սենթի։

Էլ-Սուն նրա ձեռքից վերցրեց փաստաթղթերը և ասաց Թոմմիին։

— Թող սրանք հաշվվեն տասնվեց հազարի։

— Մնում է վճարել էլի տասը հազար՝ ոսկե ավազով,— ասաց Թոմմին։

Պորպորտուկը գչխով արեց ի նշան համաձայնության և բաց արեց իր տոպրակների բերանները։ Էլ-Սուն, կանգնած հենց գետափին, կտոր-կտոր արեց թղթերը և քամուն տվեց, որը փչում էր Յուքոնի երկայնքով։ Սկսեցին կշռել ոսկին, բայց հենց այդ ժամանակ էլ մի փոքրիկ վեճ ծագեց։

— Պիտի հաշվենք, իհարկե, տասնյոթ դոլարով,— ասաց Պորպորտուկը Թոմմիին, երբ սա սկսեց կարգի գցել կշեռքը։

— Ոչ, տասնվեց դոլարով,— կտրուկ ասաց Էլ-Սուն։

— Ամեն տեղ էլ ընդունված է մի ունցիա ոսկե ավազը տասնյոթ դոլարով հաշվել։

Էլ-Սուն ծիծաղեց։

— Դա նոր սովորություն է,— ասաց նա,— մտել է այս գարնանից սկսած։ Անցած տարի և նրանից էլ առաջ, ունցիային տալիս էին տասվեց դոլար։ Երբ իմ հայրը այդ փողերը պարտք էր վերցնոմ, հաշվում էին տասնվեց դոլարով։ Երբ նա կրպակում ապրանք էր առնում, ապա մի ունցիա ոսկե ավազի համար, որը քեզանից էր պարտք վերցնում, նրան տասնվեց, ոչ թե տասնյոթ դոլարի ալյուր էին տալիս։ Այդ պատճառով, դու էլ պիտի ինձ վրա տասնվեց դոլարով հաշվես, ոչ թե տասնյոթ։

Պորպորտուկը քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց և հրամայեց կշռել ավազը։

— Ավազը երեք չափով կշռի, Թոմմի,— ասաց Էլ-Սուն,— այստեղ հազար դոլարի, այստեղ երեք հազարի, իսկ այստեղ վեց։

Դա շատ դանդաղ արարողություն էր և մինչ կշռում էին ավազը, ներկա եղողները աչքները Ակունից չէին կտրում։

— Նա սպասում է, որ փողերը վճարեն,— ենթադրեց ինչ-որ մեկը։

Այդ բառերը բերանից բերան անցան և ամբոխը սպասում էր, թե հետո Ակունը ի՞նչ պիտի անի։

Վերջապես Թոմմին ավարտեց կշռելը և ոսկե ավազը, երեք մուգ դեղին շեղջերով, դիզվեց սեղանին։

— Իմ հայրը Ընկերությանը պարտք էր երեք հաղար դոլար,— ասաց Էլ-Սուն,— վերցրու, այս, Թոմմի, և տար Ընկերությանը։ Այստեղ չորս ծերունիներ կան։ Դու նրանց գիտես։ Ահա հազար դոլար։ Վերցրու և այնպես արա, որ այդ ծերունիները միշտ կուշտ լինեն ու միշտ ծխախոտ ունենան։

Թոմմին ոսկին առանձին֊առանձին տոպրակների մեջ լցրեց։ Սեղանին մնաց ոսկու մի շեղջ՝ վեց հազար դոլար արժողությամբ։ Էլ-Սուն գոգաթիակով վերցրեց ավազը և անսպասելի շրջվելով, ոսկե անձրևը թափեց Յուքոնի մեջ։ Երբ նա գոգաթիակը երկրորդ անգամ թաղեց ոսկե ավազի մեջ, Պորպորտուկը բռնեց նրա ձեռքից։

— Սա ի՛մն է,— հանգիստ ասաց աղջիկը, և Պորպորտուկը թողեց նրա ձեռքը։ Բայց մինչ Էլ-Սուն ավազը շաղ էր տալիս գետի մեջ, Պորպորտուկը նայում էր նրան և կատաղությունից բոլորովին կապտած կրճտացնում էր ատամները։

Իսկ ամբոխը նայում էր միայն Ակունին. Պորպորտուկի ծառան, որն Ակունից մի յարդ հեռու էր կանգնած, մատը ձգանին դրած, հրացանը ուղղել էր նրա վրա։ Բայց Ակունը հանգիստ էր կանգնած։

— Թուղթ գրեք վաճառքի մասին,— մռայլ ասաց Պորպորտուկը։

Եվ Թոմմին մի կայքագիր կազմեց, որի համաձայն Էլ-Սու անունով կնոջ նկատմամբ բոլոր իրավունքները ստանում է Պորպորտուկ անունով մարդը։ Էլ-Սուն ստորագրեց փաստաթուղթը, Պորպորտուկը ծալեց ու դրեց տոպրակի մեջ։ Հանկարծ նրա աչքերը վառվեցին և անսպասելի դիմեց Էլ-Սուին.

— Դա քո հոր պարքր չէր,— ասաց նա,— այն, ինչ վճարեցի, վճարեցի քեզ համար։ Դու քեզ այսօր ես ծախել, ոչ թե երեկ, ոչ թե անցած տարի կամ դրանից ավելի վաղ։ Ամեն մի ունցիա ավազի համար, որ այսօր վճարեցի քեզ, ֆակտորիայում տասնյոթ դոլարի ալյուր են տալիս։ Ես ամեն մի ունցիայի մեջ մեկ դոլար կորցրեցի։ Ես կորցրեցի վեց հարյուր քսանհինգ դոլար։

Էլ-Սուն մի պահ մտածեց և հասկացավ, որ սխալվել է։ Նա ծիծաղեց։

— Դու ճի՜շտ ես,— ծիծաղելով ասաց նա,— ես սխալվեցի։ Բայց հիմա արդեն ուշ է։ Դու վճարեցիր և ոսկին այլևս չկա։ Պորպորտուկ, խելքդ արդեն գցել ես։ Դրա համար էլ քո հաշիվներում սխալվեցիր։ Քո խորամանկ միտքը ծանրաշարժ է դարձել։ Դու ծերացել ես, Պորպորտուկ։

Պորպորտուկը ոչինչ չպատասխանեց։ Նա երկչոտ հայացքով նայեց Ակունին և տեսնելով, որ նա հանգիստ կանգնած է, ինքն էլ հանդարտվեց։ Հետո շրթունքները սեղմեց իրար և դեմքին դաժանություն հայտնվեց։

— Գնա՛նք,— ասաց նա,— գնա՛նք իմ տունը։

— Մի՞թե մոռացել ես այն երկու բանը, որ ասացի քեզ գարնանը,— հարցրեց Էլ-Սուն, որը չէր ցանկանում հետևել նրան։

— Ես վաղուց խելքս թռցրած կլինեի, եթե հիշեի կանանց բոլոր ասածները,— պատասխանեց նա։

— Ես ասացի, որ կստանաս քո պարտքը,— փութկոտ շարունակեց Էլ-Սուն,— ես ասացի նաև, որ երբեք քո կինը չեմ լինի։

— Բայց դա կայքագիրը ստորագրելուց առաք էր,— պատասխանեց Պորպորտուկը և մատների մեջ տրորեց խշխշան թուղթը։— Ես քեզ գնեցի բոլորի աչքի առաջ։ Դու պատկանում ես ի՛նձ։ Դու չես կարող ժխտել, որ ի՛մն ես։

— Այո՛, ես քոնն եմ,— հանգիստ հաստատեց Էլ-Սուն։

— Դու պատկանում ես ի՞նձ։

— Ես պատկանում եմ քե՛զ։

Պոբպորտուկի ձայնը մի փոքր բարձր հնչեց։ Ձայնի մեջ հաղթական շեշտեր կային։

— Դու պատկանում ես ի՛նձ, ինչպես շունն է պատկանում իր տիրոջը։

— Ես պատկանում եմ քե՛զ, ինչպես շունն է պատկանում տիրոջը,— հանգիստ կրկնեց Էլ-Սուն,— բայց դու, Պորպորտուկ, մոռանում ես այն, ինչ ասացի։ Եթե ինձ գներ մի ուրիշ տղամարդ, ես կդառնայի նրա կինը։ Ես լավ կին կլինեի։ Այդպես էի որոշել։ Բայց երբեք քո կինը չե՛մ դաոնա։ Դրա համար էլ ես միայն քո շունն եմ։

Պորպորտուկը գիտեր, որ կրակի հետ է խաղ անում և որոշեց ամուր մնալ։

— Այդ դեպքում քեզ հետ կխոսեմ ոչ որպես Էլ-Սուի, այլ շան հետ,— ասաց նա։— Ես հրամայում եմ գաս իմ հետևից։

Նա ցանկացավ բոնել էլ-Սուի ձեռքից, բայց աղջիկը նրան մի կողմ հրեց։

— Մի՛ շտապիր, սպասիր, Պորպորտուկ։ Դու մի շուն ես առել։ Իսկ շունը կարող է փախչել։ Ես չէ՞ որ միայն քո շունն եմ։ Ի՞նչ կանես, եթե փախչեմ։

— Ես կծեծեմ քեզ, ինչպես տերն է իր շանը ծեծում։

— Երբ ինձ բռնես, չէ՞։

— Երբ որ բռնեմ։

— Այդ դեպքում բոնի՛ր։

Պորպորտուկը արագ վազեց դեպի աղջիկը, բայց Էլ-Սուն խույս տվեց։ Սա վազում էր սեղանի շուրջը և ծիծաղում։

— Բռնիր նրան,— ձայն տվեց Պորպորտուկը հրացանավոր հնդկացուն, որը մոտիկ էր կանգնած էլ-Սուին։

Բայց հենց որ հնդկացին փորձեց բռնել աղջկան, Էլդորադոյի արքան բռունցքի մի հարվածով նրան գետին գլորեց։ Հրացանը կպչելով գետնին, զնգաց։ Այստեղ, թվում էր թե հասավ Ակունի հերթը։ Նրա աչքերը վառվեցին, բայց նա տեղից չշարժվեց։

Պորպորտուկը ծեր մարդ էր, բայց ցուրտ գիշերները օգնել էին նրան ուժերը պահպանելու։ Նա չվազեց սեղանի շուրջը, այլ անսպասելի ցատկեց սեղանի վրայով։ Էլ-Սուն այդ անակնկալից չշփոթվեց։ Նա վախեցած ճիչով ետ ցատկեց և Պորպորտուկը կբռներ նրան, եթե Թոմմին չլիներ։ Սա ոտքը դեմ տվեց. Պորպորտուկը սայթաքեց ու վայր ընկավ։ Էլ-Սուն փախավ հեռու։

— Այդ դեպքում բռնիր,— ծիծաղելով ձայն տվեց Էլ-Սուն և շարունակեց փախչել։

Նա թեթև ու արագ էր վազում։ Պորպորտուկը կատաղել էր։ Նա աղջկանից արագ էր վազում։ Ջահել ժամանակ նա ամենալավ վազողն էր համարվում պատանիների մեջ։ Բայց Էլ-Սուն խորամանկ էր ու ճարպիկ։ Նա տեղացիների հագուստով էր և փեշը չէր խանգարում, իսկ նրա ճկուն մարմինը, պարզվեց, որ Պորպորտուկի կառչուն մատների համար անորսալի է։

Հսկայական բազմությունը ծիծաղով ու աղմուկով ցրվեց, որպեսզի ավելի լավ նայի փախչողներին։ Էլ-Սուն և Պորպորտուկը վազում էին իջևանատեղում և շրջաններ գծելով, մերթ անհետանում էին, մերթ նորից երևում վրանների մոտ։ Էլ-Սուն թափահարում էր ձեռքերը, որպեսզի վազելու ժամանակ, պահպանի հավասարակշռությունը և ժամանակ առ ժամանակ, երբ նա կտրուկ ետ էր դառնում, թվում էր, թե նրա մարմինը կտրվում էր գետնից։ Իսկ Պորպորտուկը, նիհար քերծեի նման, վազում էր մի քայլ հեռու նրանից՝ նրա հետևից կամ էլ կողքից։

Նրանք կտրեցին անցան իջևանատեղի հետևում ընկած բաց տարածությունը և անհետացան անտառում։ Թանանան սպասեց նրանց վերադարձին, սպասեց երկար, բայց իզուր։

Իսկ այդ ժամանակ Ակունը իր համար ուտում էր, քնում և հաճախ էր թափառում շոգենավի կառանատեղում, խուլ մնալով իջևանատեղի բնակիչների աճող դժգոհությանը, որ նա ոչ մի բան չի ձեռնարկում։

Մի օր հետո Պորպորտուկը վերադարձավ։ Նա հոգնած էր ու կատաղած։ Բացի Ակունից նա ոչ ոքի հետ չխոսեց, աշխատելով վեճի բռնվել նրա հետ։ Բայց Ակունը ուսերը թոթվեց և հանդարտ հեռացավ։ Պորպորտուկը ժամանակ չկորցրեց։ Նա վեց երիտասարդներ վարձեց, ամենալավ հետախույզներ և ուղեցույցներ ընտրեց ու նրանց հետ միասին անտառ գնաց։

Հաջորդ օրը «Սիեթլ» շոգենավը, որը գետի հոսանքով դեպի վեր էր գնում, մոտեցավ ափին, որպեսզի վառելիք վերցնի։ Երբ ճոպանները վեր քաշեցին և շոգենավը հեռացավ ափից, Ակունը լոցմանի խցիկումն էր։ Մի քանի ժամ հետո, երբ նա հերթափոխի էր կանգնել ղեկի մոտ, կեչու կեղևից պատրաստված մի փոքրիկ կանոե տեսավ, որը հեռանում էր ափից։ Կանոեում երևում էր մարդկային մենավոր մի կերպարանք։ Ակունը ուշադիր նայեց կանոեին, ղեկը շրջեց և հրաման տվեց ընթացքը դանդաղեցնել։

Խցիկ մտավ շոգենավի նավապետը։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց նա։— Այստեղ ծանղաղուտ չկա։

Ակունը քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց։ Նա տեսավ, թե ինչպես ափից մի մեծ կանոե հեռացավ, որի մեջ մի քանի մարդիկ կային։ Հենց որ «Սիեթլը» դուրս եկավ նավուղուց, Ակունը ղեկանիվը ավելի թեքեց։ Նավապետը զայրացավ։

— Այնտեղ եղած-չեղածը մի սքվո է,— դժգոհեց նա։

Ակունը չպատասխանեց։ Նա աչքը չէր կտրում միայնակ կնոջից և նրան հետևող կանոեից։ Վեց հոգին էլ թիավարում էին. կինը թիավարում էր ավելի դանդաղ։

— Դու շոգենավը ծանծաղուտին կնստեցնես,— գոռաց նավապետը և բռնեց ղեկանիվը։

Բայց Ականի ձեռքերը երկաթի ամրությամբ կառչել էին ղեկանիվից, իսկ ինքը նայում էր ուղիղ նավապետի դեմքին։ Վերջինս դանդաղ թողեց ղեկը։

— Խելքը թռցրե՜լ է,— մրթմրթաց նա։

Ակունը շարունակեց շոգենավը վարել ծանծաղ ջրերում այնքան, մինչև որ կինը կառչեց առջևի բռնակից։ Այդ ժամանակ նա հրաման տվեց լրիվ ընթացքով առաջ գնալ և ղեկանիվը ետ պտտեց։ Մեծ կանոեն արդեն բոլորովին մոտ էր, բայց շոգենավի և նրա միջև ընկած տարածությունը սկսեց արագ մեծանալ։

Կինը ծիծաղեց և կախվեց շոգենավի բազրիքից։

— Դե բռնիր ինձ, Պորպորտուկ,— ձայն տվեց նա։

Ակունը շոգենավից իջավ Ֆորթ-Յուքոնում։ Նա մի փոքր մակույկ վարձեց և Փորքուփայն գետով վեր գնաց։ Նրա հետ էր Էլ-Սուն։ Դա մի դժվարին ճանապարհոդություն էր։ Նրանց ճանապարհը գնում էր այն լեռնաշղթայով, որը կտրում անցնում էր երկիրը մի ծայրից մյուսը, բայց Ակունը առաջ էլ էր ճանապարհորդել այս տեղերում։ Երբ նրանք հասան Փորքուփայն գետի ակունքներին, թողեցին մակույկը և ոտքով կտրեցին ժայռոտ լեռները։

Ակունին դուր էր գալիս այն բանը, որ գնում է Էլ-Սուի հետևից և հիանում էր նրա քայլվածքով։ Դրա մեջ երաժշտություն կար, որը նա սիրում էր։ Ամենից շատ նրան դուր էր գալիս աղջկա փափուկ մաշկով ծածկված կլորիկ սրունքներին, բարեկազմ կոճերին և մոկասիններ հագած փոքրիկ ոտքերին նայելը, որոնք չգիտեին, թե ի՛նչ բան է հոգնածությունը՝ ճանապարհի երկար օրերի ընթացքում։

— Դու օդի նման թեթև ես,— ասում էր Ակունը, նայելով նրան,— քեզ համար դժվար չէ քայլելը։ Դու կարծես թե լողում ես, այնքա՜ն սահուն են բարձրանում և իջնում քո ոտքերը։ Դու նման ես եղնիկի, Էլ-Սու, դու նման ես եղնիկի, և քո աչքերը, երբ նայում ես ինձ կամ էլ խշշոցից ետ ես շրջվում, նույնպես նման են եղնիկի աչքերի։ Ա՛յ, հենց հիմա էլ, երբ ինձ ես նայում, քո աչքերը նման են եղնիկի աչքերի։

Եվ Էլ-Սուն, ուրախ և հուզված, շրջվեց ու համբուրեց Ակունին։

— Երբ հասնենք Մաքենզիի հնդկացիներին, երկար չպիտի մնանք,— ասաց Ակունը։— Մենք ձմռան վրա հասնելուց էլ առաջ դեպի հարավ կշարժվենք։ Կգնանք դեպի արևոտ երկըրները, ուր երբեք ձյուն չկա։ Բայց մենք էլի կվերադառնանք։ Ես շա՜տ երկրներ եմ տեսել, բայց մի այնպիսի տեղ չկա, որ Ալյասկայի նման չինի, ոչ մի տեղ այնպիսի արև չկա, ինչպես մեր արևն է և երկար ամառավանից հետո լավ է, երբ ձյուն է գալիս։

— Դու կարդալ կսովորես,— ասաց Էլ-Սուն։

Եվ Ակունը պատասխանեց.

— Իհարկե, ես կարդալ կսովորեմ։

Սակայն երբ նրանք հասան Մաքենզի լճին, ստիպված եղան ուշանալ։ Նրանք հանդիպեցին հնդկացիների մի խմբի և որսի ժամանակ Ակունը պատահաբար վիրավորվեց։ Կրակողը մի երիտասարդ էր. գնդակը ծակեց Ակունի աջ ձեռքը և փշրեց երկու կողոսկրը։ Ակունը գիտեր հնդկացիների հեքիմությունը, իսկ Էլ-Սուն Սուրբ Խաչ միաբանությունում վիրավորին օգնել էր սովորել։ Ի վերջո, ոսկորները տեղը գցեցին և Ակունը պառկեց կրակի մոտ, սպասելով ոսկորների կպչելուն։ Նա այնպես էր պառկել կրակի մոտ, որ ծխախոտի ծխով մի կողմ քշի մլակներին։

Եվ ահա Պորպորտուկը այստեղ հասավ իր վեց կտրիճների հետ։ Ակունը միայն տնքում էր, զգալով իր անուժ լինելը և օգնություն խնդրեց Մաքենզի հնդակիցներից։ Բայց Պորպորտուկը ներկայացրեց իր պահանջները և մաքենզիները տարակուսանքի մեջ ընկան։ Պորպորտուկը ցանկացավ տանել Էլ-Սուին, բայց մաքենզիները դիմադրեցին։ Վեճը պետք է հարթվեր և քանի որ գործը վերաբերում էր տղամարդուն ու կնոջը, ապա հրավիրվեց ծերունիների խորհուրդ, երիտասարդները, որոնք տաքարյուն են, կարող էին անարդար վճիռ կայացնել։

Ծերունիները նստոտեցին խարույկի շուրջը։ Նրանք նիհար էին, դեմքները ակոսված էին կնճիռներով, շնչում էին ծանր, բաց բերաններով կուլ տալով օդը։ Ծուխը խանգարում էր նրանց շնչառությանը։ Ժամանակ առ ժամանակ նրանք դողդոջուն ձեռքերով քշում էին մլակներին, որոնք հանդգնում էին մտնել ծխի մեջ։ Այդպիսի շարժումներից հետո նրանք խուլ և ուժեղ հազում էին։ Նրանցից մի քանիսը արյուն էին թքում, իսկ մի ծերունու բերանից, որը մի քիչ հեռվում գլուխը կախ նստած էր, անընդհատ արյուն էր հոսում. բոլորն էլ կոկորդախտ ունեին։ Նրանք մեռնող մարդիկ էին, որոնց համար հաշվված օրեր էին մնացել։ Դա մեռյալների խորհուրդ էր։

— Եվ ես նրա համար հսկայական մի գումար վճարեցի,— վերջացրեց Պորպորտուկը իր բողոքը,— այդքան փող դուք երբեք ձեր կյանքում տեսած չեք լինի։ Ծախեք բոլորը, ինչ որ ունեք, ծախեք ձեր նիզակները, նետերը, հրացանները, ծախեք կաշիներն ու մորթիները, ծախեք վրանները, նավակներն ու շները, ծախեք բոլորը և դուք հազիվ թե մի հազար դոլար հավաքեք։ Իսկ ես այդ կնոջ համար քսանվեց անգամ ավելի եմ վճարել, քան արժեն ձեր բոլոր նիզակները, նետերն ու հրացանները, ձեր կաշիներն ու մորթիները, ձեր վրանները, նավակներն ու շները։ Դա շա՜տ բարձր գին է։

Ծերունիները ծանրումեծ օրորում էին գլուխները, չնայած նրանց աչքերի չորացած կոպերը զարմանքից չռվում էին, երբ մտածում էին, թե ինչ֊որ մի կին կարող է այդքան փող արժենալ։ Այն ծերունին, որի բերանից արյուն էր հոսում սրբեց շրթունքները։

— Դա ճի՞շտ է,— հարցրեց նա հերթով Պորպորտուկին ուղեկցող երիտասարդ որսորդներին։ Եվ բոլորը մեկ-մեկ պատասխանեցին, որ ճիշտ է։

— Դա ճի՞շտ է,— հարցրեց նա Էլ-Սուին, և վերջինս պատասխանեց.

— Ճի՛շտ է։

— Բայց Պորպորտուկը չասաց, որ ինքը ծեր է,— մեջ ընկավ Ակունը,— չասաց, որ իր աղջիկները ավելի մեծ են քան Էլ-Սուն։

— Ճի՛շտ է, Պորպորտուկը ծեր մարդ է,— ասաց Էլ-Սուն։

— Դա արդեն Պորպորտուկի գործն է, իր հասակի ուժերը չափելը,— ասաց այն ծերունին, որի բերանիg արյուն էր հոսում։— Մենք բոլորս էլ ծերանում ենք։ Բայց հիշիր, ծերությունը երբեք այնքան թույլ չի լինում, ինչքան թվում է ջահելներին։

Եվ խարույկը շրջապատած բոլոր ծերունիները, որոնք լմլմացնում էին անատամ բերանները, տմբտմբացնելով գլուխներն ու հազալով, հավանություն տվեցին։

— Ես ասացի, որ երբե՛ք նրա կինը չեմ լինի,— պնդեց Էլ-Սուն։

— Բայց դու նրանից քսանվեց անգամ ավելի վերցրեցիր, քան մենք բոլորս ունե՞նք,— հարցրեց միաչքանի ծերունին։

Էլ-Սուն չպատասխանեց։

— Դա ճի՞շտ է,— և նրա միակ աչքը շաղափի նման ծակեց Էլ-Սուին։

— Ճի՛շտ է,— ասաց աղջիկը։

Բայց մի պահ հետո Էլ-Սուն ասես պայթեց և նա զայրացած բացականչեց.

— Ի՛նչ ուզում է լինի, նորից կփախչեմ։ Ես միշտ էլ կփախչեմ նրանից։

— Դա արդեն Պորպորտուկի գործն է,— ասաց մյուս ծերունին,— մեր գործը վճիռ կայացնելն է։

— Իսկ նրա համար դու ինչքա՞ն ես վճարել,— հարցրեցին ծերունիները Ակունին։

— Ես նրա համար ոչինչ էլ չեմ վճարել,— պատասխանեց Ակունը,— քանի որ նա ամեն ինչից էլ թանկ է։ Ես չեմ կարող գնահատել նրան ո՛չ ոսկե ավազով, ո՛չ շներով, ո՛չ վրաններով կամ էլ մորթիներով։

Ծերունիները սկսեցին իրար մեջ շշուկով ինչ-որ բանի մասին վիճել։

— Այս ծերունիները սառցի պես սառն են,— ասաց Ակունը անգլերեն,— ես չեմ կատարելու նրանց որոշումը, Պորպորտուկ։ Եթե դու վերցնես Էլ-Սուին, ես քեզ անպայման կսպանեմ։

Ծերունիները դադարեցրեցին իրենց վեճը և կասկածանքով Ակունին նայեցին։

— Մենք չենք հասկանում այն լեզուն, որով դու ես խոսում,— ասաց նրանցից մեկը։

— Նա ասաց, թե կսպանի ինձ,֊— շտապեց պաաասխանել Պորպորտուկը,— այնպես որ լավ կլինի խլել նրա հրացանը և կողքին էլ ձեր երիտասարդներից մեկին նստեցնել, որ նա ինձ չվնասի։ Նա դեռ ջահել է, իսկ ջահելի համար ի՞նչ նշանակության ունեն ջարդված ոսկորները։

Անօգնական Ակունից խլեցին հրացանն ու դանակը և երկու կողքերին նստեցրին երկու երիտասարդ մաքենզի հնդկացիների։ Միաչքանի ծերունին վեր կացավ տեղից և ուղղեց մեջքը։

— Մեզ զարմացնում է այն գինը, որ վճարված է այս կնոջ համար,— սկսեց նա,— բայց դրա ճիշտ լինելը մեզ չի վերաբերում։ Մենք այստեղ ենք հավաքվել, որ վճիռ կայացնենք և կկայացնենք։ Մենք ոչ մի կասկած չունենք։ Բոլորին հայտնի է, որ Պորպորտուկը Էլ-Սու կնոջ համար մեծ գին է վճարել։ Այդ պատճառով էլ Էլ-Սու կինը պատկանում է Պորպորտուկին և ոչ թե ուրիշին։

Նա դագաղ նստեց գետնին ու հազաց։ Ծերունիները գլխով արեցին և նույնպես հազացին։

— Ես քեզ կսպանեմ,— անգլերեն ճչաց Ակունը։

Պորպորտուկը քմծիծաղ տվեց ու վեր կացավ։

— Դուք արդար վճիռ կայացրիք,— ասաց նա դատավորներին,— իմ մարդիկ ձեզ շատ ծխախոտ կտան։ Իսկ հիմա թող ինձ մոտ բերեն այդ կնոջը։

Ակունը կրճտացրեց ատամները։ Երիտասարդ հնդկացիները բռնեցին Էլ-Սուին,— նա չէր դիմադրում, միայն դեմքը այրվում էր մի մռայլ կրակով և քարշ տվեցին Պորպորտուկի մոտ։

— Նստիր այստեղ, իմ ոտքերի մոտ մինչև խոսքս վերջացնեմ,— ասաց նա։ Հետո մի պահ լռեց,— ճի՛շտ է,— ասաց նա,— որ ես ծեր մարդ եմ։ Բայց ես դեռ կարող եմ հասկանալ ջահելության ճանապարհները։ Իմ մեջ կրակը դեռ չի մարել։ Բայց ես արդեն ջահել չեմ և մտադիր չեմ այն ամբողջ տարիները, որ մնացել են ինձ ապրելու, իմ ծեր ոտքերով վազ տալ Էլ-Սուի հետևից։ Նա արագ ու լավ է վազում։ Նա նման է եղնիկի։ Ես այդ բանը լավ գիտեմ, որովհետև տեսա, երբ վազում էի նրա հետևից։ Վատ է, երբ կինը այդքան արագ է վազում։ Ես նրա համար բարձր գին եմ տվել, իսկ նա փախչում է ինձանից։ Ակունը նրա համար ոչինչ չի վճարել, իսկ նա վազում է Ակունի մոտ։

Երբ ես ձեզ մոտ եկա, մաքենզի մարդիկ, իմ գլխում միայն մի միտք էր պտտվում։ Երբ ես լսեցի ձեր վճիռը և մտածեցի Էլ-Սուի արագավազ ոտքերի մասին, իմ գլխում շա՜տ մտքեր ծնվեցին։ Հիմա իմ գլխում նորից միայն մի միտք կա, բայց ոչ այն միտքը, որով ես այստեղ եկա։ Ես կասեմ ձեզ, թե հիմա ինչի մասին եմ մտածում։ Եթե շունը մի անգամ փախել է իր տիրոջից, նա միշտ էլ կփախչի։ Ինչքան էլ ետ բերեն, ամեն անգամ կփախչի։ Երբ այդպիսի շուն է պատահում, մենք ծախում ենք։ Էլ-Սուն նման է մի այդպիսի փախչող շան։ Ես ծախում եմ նրան։ Ձեզանից ո՞վ կառնի։

Ծերունիները հազացին, բայց ոչ ոք պատասխան չտվեց։

— Ակունը կգներ Էլ-Սուին,— շարունակեց Պորպորտուկը,— բայց նա փող չունի։ Դրա համար էլ ես այդ կնոջը ձրի նրան կտամ։ Կտամ հենց հիմա։

Կռանալով, նա բռնեց Էլ-Սուի ձեռքից և տարավ շրջանաձև նստած մարդկանց մոտով այնտեղ, ուր մեջքի վրա պառկած էր Ակունը։

— Այս կինը մի վատ սովորություն ունի, Ակուն,— ասաց Պորպորտուկը, Էլ-Սուին նստեցնելով Ակունի ոտքերի մոտ։— Առաջ ինձանից էր փախչում, իսկ հիմա գուցե քեզանից էլ կփախչի։ Բայց դու կարող ես չվախենալ, Ակուն, որ նա երբևէ կփախչի քեզանից։ Ես այնպես կանեմ, որ այդպիսի բան չպատահի։ Նա երբեք քեղանից չի փախչի։ Պորպորտուկի խոսք եմ տալիս։ Նա շատ է սիրում կատակ անել։ Ես գիտեմ այդ բանը, քանի որ նա հաճախ էր ինձ հետ կատակ անում։ Եվ որոշեցի մի անգամ ես էլ կատակ անեմ։ Եվ այդ կատակի շնորհիվ էլ նրան քեզ համար կպահեմ, Ակուն։

Կռանալով, Պորպորտուկը Էլ-Սուի ոտքերը այնպես խաչաձևեց, որ մի ոտքը մյուսի վրա լինի և մինչ մարդիկ գլխի կընկնեին, թե նա ինչ է ուզում անել, կրակեց իր հրացանը այնպես, որ գնդակը անցավ աղջկա երկու կոճերի միջով։ Երբ Ակունը աշխատեց վեր կենալ իր վրա ընկած երկու երիտասարդների ծանրության տակից, լսվեց նորից կոտրտվող ոսկորների շխկշխկոցը։

— Դա արդարացի է,— ասաց ծերունիներից մեկը մյուսին։

Էլ-Սուն ծպտուն անգամ չհանեց։ Նա նստել ու նայում էր իր ջարդված ոտքերին, որոնցով այլևս քայլել չէր կարող։

— Ես ամուր ոտքեր ունեմ, Էլ-Սու,— ասաց Ակունը,— բայց նրանք երբե՛ք ինձ քեզանից հեոու չեն տանի։

Էլ-Սուն նայեց նրան և առաջին անգամ կյանքում Ակունը աղջկա աչքերում արցունքներ տեսավ։

— Քո աչքերը ոնց որ եղնիկի աչքեր լինեն, Էլ-Սու,— ասաց նա։

— Արդարացի էր, չէ՞,— հարցրեց Պորպորտուկը և պատրաստվելով հեռանալ, չարասիրտ ժպտաց ծխի միջից։

— Արդարացի էր,— ասացին ծերուհիները և շարունակեցին լուռ նստած մնալ։