|աղբյուր = [[«Ակամա ճանապարհորդները»]]
}}
{{անավարտ}}
[[Կատեգորիա:Արկածային]]
=== Գլուխ հինգերորդ ===
Սկսվեց անտառային կյանքի երկրորդ օրը։
Եռյակն շտապում էր...
Գագիկի հաշվարկներով նրանք գյուղում պետք է լինեին անտառ մտնելու հաջորդ օրդ երեկոյան, նույնիսկ ավելի շուտ։ Բայց պարզվեց, որ պատանի բնագետի հաշվարկները սխալ են. անտառը գնալով ոչ միայն չէր նոսրանում, այլև ընդհակառակը՝ ավելի էր խտանում։ Ծառերը դառնում էին ավելի հաստաբուն, ավելի խիտ, իսկ չորուկների մեծացող քանակությունները և չտրորված արահետները լուռ պատմում էին, որ վաղուց-վաղուց իրենք կարոտ են մարդկային ոտնահետքերի։ Իհարկե, անտառում երեքից ոչ մեկը չէր վախենում։ Անտառը քարանձավ չէր և Գագիկն այստեղ իրեն զգում էր, ինչպես տանը։ Գագիկի վստահությունը վարակել էր նաև Արամին ու Հասմիկին, որոնք պատանի բնագետի օգնությամբ, մեկը մյուսի ետևից յուրացնում էին անտառի դասերը. սովորում ծառատեսակները, ծանոթանում թռչունների և կենդանիների սովորույթներին, վարժվում ուտելի հատապտուղները ոչ ուտելիներից տարբերելու գործում։ Մի խոսքով, դա հաճելի և օգտակար ճանապարհորդություն էր, և նրանք մեծ ուրախությամբ կհամաձայնեին, որքան կարելի է երկար մնալ անտառում, եթե չլիներ գյուղի միտքը։ Ո՞վ գիտե, քանի օր էին մնացել քարանձավում բանտարկված՝ երե՞ք, չո՞րս, տա՞սը, քսա՞ն... Երեքն էլ համոզված էին, որ գյուղում հիմա անհանգստացած կլինեն։ Անհանգստացա՞ծ... դա լավագույնն էր՝ ամենալավագույնը։ Նրանք ճանաչում էին իրենց մայրիկներին ու հայրիկներին՝ լավ էին ճանաչում։ Հիշում էին, թե նրանք ինչ էին անում նույնիսկ մեկ-երկու ժամ ուշանալու համար, իսկ հիմա՝ ամբողջ օրեր... քարանձավում եղած ժամանակ այդ մասին չէին մտածել, ժամանակ չէին գտել։ Գյուղում անհանգստացած լինելու միտքը նրանց գլուխն էր մտել քարե բանտից ազատվելուն պես, և այլևս չէր բաժանվել։ Նույնիսկ գիշերը՝ երազում, նրանք տեսնում էին, թե հարազատներն ինչպես են տանջվում իրենց համար։ Տեսնում էին նրանց վիշտը, լացուկոծը, ամբողջ գյուղի անհանգստությունը...
Նախորդ օրվա նման, այդ օրն էլ սկսվեց գիշերը տեսած երազներով։ Պարզվեց, որ քնելուց առաջ ունեցած խոսակցության տպավորության տակ երեքն էլ տեսել են նման երազներ՝ համարյա միևնույնը։
Խոսակցությունն սկսեց Հասմիկը.
— Գիշերը նորից մեր տանն էի,— ասաց և փորձեց ժպտալ։ Չստացվեց, ընդհակառակը դեմքն աղավաղվեց, դարձավ մի տեսակ լալկան,— մայրիկը լաց էր լինում՝ հոնգուր-հոնգուր, ասում էր. «կորավ, էլ չեմ տեսնի...» ։ Հայրիկը չէր լալիս։ Ծխում էր և լուռ քայլում սենյակի մի ծայրից մյուսը։ «Գոնե մի խոսք ասա, մի բառ,— խնդրում էր մայրիկը,— գոնե վիրավորիր ինձ, ասա, որ այս բոլորն իմ մեղքով է եղել»։ Իսկ հայրիկը ոչինչ չէր ասում, ծխում էր և քայլում՝ սենյակի մի ծայրից մյուսը։
— Նույնն էլ ես եմ տեսել,— արցունքը սրբող Հասմիկին նայելով, կիսաձայն ասաց Արամը,— միայն թե իմ մայրիկը արդեն լաց չէր լինում։ Ավելի ճիշտ, չէր կարողանում լաց լինել։ Երևի շատ էր լացել։
— Մեր արածր հանցագործություն է,— հեկեկաց Հասմիկը։
Արամը գլխով համաձայնության նշան արեց։ Գագիկը նայեց նրան ու հակառակ ուղղությամբ շարժեց գլուխը՝ համաձայն չէր։
— Հանցագործություն,— փնթփնթաց նա,— կարծես դիտմամբ արեցինք։ Պատահականություն էր, մենք ի՞նչ մեղք ունենք։ Եթե իմանայինք նույնիսկ հին ամրոց էլ չէինք գնա, գետափ չէինք իջնի, սարից չէինք փախչի...
Արևը պահվել էր մութ, կապարագույն ամպերի ետևում, արևը չէր երևում և ճանապարհի ուղղությունը գտնելու համար Գագիկն օգտվեց ծառերի բներին կպած մամուռներից։ Չսխալվելու համար ստուգեց մի քանի ծառ։ Հետոկանգնեց մեջքով դեպի մամուռները, ձեռքերը տարածեց կողք՝ աջ ու ձախ, որոշեց արևմուտքն ու արևելքը...
Ճանապահն սկսել էր փոքր-ինչ զառիթափ դառնալ։ Դրանից քայլելը դժվարացել էր և Գագիկն առաջարկեց օգտվել ձեռնափայտից։ Գետնին թափված ճյուղերի միջից անմիջապես գտավ իրեն հարկավորը՝ ամուր և ուղիղ փայտակտորներ։ Երկուսն ընտրեց։ Առաջին ընտրածը տվեց Հասմիկին, երկրորդը վերցրեց իրեն։ Մինչ այդ, Արամն էլ իր համար ձեռնափայտ գտավ։ Պարզվեց, որ իսկապես, դրանց օգնությամբ քայլելը հեշտանում է։
Ճանապարհ ընկնելուց անցել էր երկու ժամից փոքր-ինչ ավելի։ Արամն արդեն մտածում էր նախաճաշ սկսելու մասին, երբ հանկարծ ականջին հասավ ջրի խոխոջյուն։ Գագիկը, որը նույնպես լսել էր ձայնը, ուրախացած նայեց ընկերներին.
— Լսո՞ւմ եք։
— Առու է,— նկատեց Արամը։
— Կամ գետ,— ասաց Գագիկն ու առաջ վազեց։
Պարզվեց, որ նա ճիշտ էր գուշակել. աղմկողը գետ էր։
Նրանց մոտենալուն պես գետափի ջուրը միանգամից փրփրեց՝ մեջը լցվող գորտերի գլուխկոնծիներից։
— Հիմարներ,— ծիծաղեց Գագիկը,— կարծում են ձկներին թողած իրենց ենք ուտելու։
— Ձո՞ւկ,— Հասմիկն ուրախացած ժպտաց։ Ձանձրացել էր երկու օր անընդմեջ սունկի խորոված ուտելուց։
Գագիկը գլխով արեց.
— Այո, ձուկ։
— Իսկ ինչպե՞ս կբռնենք,— ավելի շատ կասկածելով, քան հետաքրքրությունից հարցրեց Հասմիկը։
— Կտեսնես, կիմանաս,— խորամանկ ժպտաց Գագիկն ու քայլեց դեպի մոտակա ուռին։
— Լսիր, Գագիկ,— ընկերոջ ետևից ձայնեց Արամը, որն արդեն տեղավորվել էր հարմար մի տեղ ու ոտքերը մտցրել զովասուն, սառը ջրի մեջ,— սա ի՞նչ գետ է։
— Սովորական գետ,— Գագիկը ետ չնայեց,— երկու ափով և արանքը լցված H₂O֊ով։
— Ես լուրջ բան եմ ասում։ Սա մեր գետը չէ՞։
— Մեր գետն է,— հանգիստ պատասխանեց Գագիկը և սկսեց կտրատել ուռենու շիվերը՝ հատուկ ընտրությամբ ամենամատղաշները։
Հասմիկը չհամբերեց, ինչպես սունկ հավաքելու ժամանակ՝ նորից գնաց Գագիկի ետևից։ Աղջիկը ուշադիր հետևում էր նրա շարժումներին և ոչինչ չէր հասկանում։
— Դրանք ինչի՞դ են պետք։
— Ձկների համար։
— Բռնելո՞ւ։
— Բռնելու։
— Իսկ գետն ավելի հեշտ կհասցնի տեղ, չէ՞,— հարցաքննությունը շարունակեց Հասմիկը։
— Իհարկե,— Գագիկր հավաքած շիվերը մեկնեց նրան,— պահիր։
— Սրանից հետո ափով կգնանք, չէ՞։
Արամը, որ ամբողջ ժամանակ աչքը չէր կտրում նրանցից, բռունցքով խփեց գետնին։ «Ինչպես էլ գլուխները կպցրել են իրար, կարծես հազար տարվա ծանոթ աղունիկներ լինեն,— նա ոչ մի կերպ չէր ուզում համոզվել, որ Հասմիկին Գագիկն ավելի է դուր գալիս, քան ինքը։ Թե ինչի մասին էին զրուցում Գագիկն ու Հասմիկը նա, իհարկե, չգիտեր և չէր էլ ուզում իմանալ։ Միևնույն է, բոլոր խոսակցությունները նրան կթվային գաղտնագրված՝ իր աչքերին թոզ փչելու համար։
Արամը նորից խփեց կանաչներին։ Այս անգամ զայրացել էր ինքն իր վրա. «Հիմար շերեփուկ, մի խելոք բան չգիտես, որ պատմես, կարողանաս զբաղեցնել»։ Նա ոտքերը հանեց ջրից։
Հասմիկը տեսավ ու հեռվից ձայնեց.
— Սա՞ռն էր։
— Անմահական ջւոր է,— պատասխանեց Արամը։
— Սառը չէ՞։
— Չէ։ Մի քիչ զով է, ը՛հ,— Արամը ցցեց բութ մատը,— հաճույք։
— Հաճույքը ձուկ ուտելուց հետո կտեսնես,— միջամտեց Գագիկը։
Քիչ անց, նրանք երեքն էլ նստել էին գետափին, ոտքերը կախել ջրի մեջ և ուշադիր հետևում էին ուռենու ճյուղերից գործած զամբյուղին, որ Գագիկը լցրել էր որդերով ու իջեցրել ջուրը։ Գագիկը գիտեր, որ այդ եղանակով ձուկ բռնելը երկար ժամանակ է պահանջում և մի փոքրիկ դասախոսություն էր սկսել գորտերի մասին։ Սկզբում նա պատմեց գորտերի սննդամիջոցների մասին, իսկ այնուհետև անցավ նրանց ապրելակերպի մյուս հարցերին.
— Ամենահետաքրքիրն այն է, որ ձմեռելու համար գորտերը հեռանում են գետից, բավական շատ՝ մոտ մեկուկես-երկու կիլոմետր։ Իսկ ձմեռն անցնելուն պես շտապում են ետ...
«Թե ինչ հետաքրքիր բան կա այս տափակության մեջ»,— մտածեց Արամը։
Գագիկը ոգևորված շարունակում էր.
— Դե, մեզ համար այդ մեկուկես֊երկու կիլոմետր անցնելը դատարկ բան է, իսկ նրանց համար... շատ է դժվար։ Իհարկե, հարցը տարածությունը չէ, այլ կողմնորոշվելը։ Գորտերը նորից պիտի վերադառնան ետ՝ գետը։ Պատկերացնո՞ւմ եք, ճանապարհը գտնում են առանց սխալվելու։ Գիտնականները այդ մասին երկար են մտածել։ Սկզբում կարծում էին, որ գորտերը կողմնորոշվում են միայն արեգակով։ Բայց պարզվեց, որ կռկռանները ճանապարհը չեն կորցնում նաև ամպամած եղանակներին, որովհետև կողմորոշվում են հոտառությամբ ու լսողությամբ...
— Զամբյուղը շարժվեց,— ընկերոջը հրեց Արամը։
Գագիկը ընդհատեց խոսքն ու քաշեց զամբյուղը, որի նեղլիկ բերանից անմիջապես երևացին մանրիկ ձկնիկները։ Գագիկը զամբյուղը շրջեց խոտերի վրա։
— Քիչ է,— ասաց Արամը։
— Էլի կբռնենք,— համաձայնեց Գագիկն ու նորից զամբյուղը իջեցրեց գետի մեջ, բերանը՝ հոսանքի հակառակ ուղղությամբ։
— Սրանք ի՞նչ ձկներ են,— հարցրեց Հասմիկը։
— Տարբեր,— Գագիկը փորձեց բռնել կանաչների վրա խլվլացող ձկներից մեկը՝ իրեն ամենամոտը,— ա՛յ, օրինակ սա հաշամ է,— Գագիկը դեռ չէր կարողացել բռնել։ Մի ձեռքով դժվար էր, իսկ նրա մյուս ձեռքն զբաղված էր՝ ղամբյուղի պոչն էր պահել։— Գիշատիչ ձուկ է, տես, դրա համար էլ բերանն այսքան մեծ է, իսկ ատամները, եթե բերանը բացես, կտեսնես, երկու շարք են ու կեռ կարթի պես։
— Բա ո՞նց ճանաչեցիր, որ սա հաշամ է,— ընդհատեց Արամը,— հը՞,— անձավից դուրս գալուց հետո նա անընդհատ հարցեր էր տալիս Գագիկին՝ ոչ այնքան հետաքրքրությունից, որքան ընկերոջը փակուղու առաջ կանգնեցնելու ցանկությունից։
Բայց Գագիկն այս անգամ էլ չպարտվեց.
— Հաշամին ճանաչելը հեշտ է,— ասաց նա,— դունչը սուր է, իսկ բերանը տեղավորված է դնչի ծայրին։ Խռիկաճեղքերն էլ, տես, ինչքան լայն են, քիչ է մնում մատս տեղավորվի։— Այդպես էլ Գագիկին չհաջողվեց բռնել ժիր ու ճարպիկ հաշամին և ցույց էր տալիս հեռվից։— Հետո, թեփուկներն էլ, ուշադրություն դարձրու թիկունքի կողմից թեփուկները թուխ են, կողագծից ներքև բաց֊կանաչավուն, արծաթափայլ երանգով։
Հաշամի հետ հարցերն արդեն ավարտված էին և Գագիկն անցավ մյուսին։
— Իսկ այս մյուսները,— այս անգամ նրան հաջողվեց բռնել ձկներից մեկին,— ճապալ է, կոչվում է նաև փիչխոլ, զմբուռն։ Ավելի մեծերը համարյա չեն հանդիպում։ Շատ արագաշարժ ձուկ է՝ կրակի կտոր։ Գիշատիչ էլ չէ։ Ընդհակառակը, ուրիշ ձկներն են սրանց ուտում...
Այստեղ Արամը նորից ընդհատեց Գագիկին. «Բավական է, ինչքան գիտելիքներդ ցույց տվեցիր» , — մտածեց նա և ասաց.
— Զամբյուղիդ նայիր։
— Հա՛, կարող է լցված լինի,— համաձայնեց Գագիկը։
Իսկապես, զամբյուղում ձկնիկներ կային։ Արամը նկատեց նրանց թեփուկների փայլն ու վեր կացավ տեղից։ Առանց կոշիկները հագնելու գնաց կրակի պատրաստություն տեսնելու, իսկ Հասմիկը մի քիչ էլ մոտեցավ Գագիկին ու հարցրեց.
— Գիտե՞ս ինչ հիշեցի։
Պատասխանելուց առաջ Գագիկը նորից դատարկեց ձկները, հետո զամբյուղը կրկին դրեց ջրի մեջ և նոր միայն ասաց.
— Չդիտեմ։
— Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ կկուն իր ձվերը ուրիշ թռչունների բներում է դնում, հա՞։
— Ճիշտ է,— Գագիկը գլխով արեց,— բայց այդպիսի բան թռչուններից քչերն են անում։ Հիմնականում նրանք գերադասում են ձվերը դնել սեփական բներում։
— Հա՞։
— Իհարկե, աշխարհում գոյություն ունի թռչունների 8600 տեսակ, որոնցից միայն մեկ տոկոսն է պարազիտ կյանք վարում՝ այսինքն օգտվում ուրիշների աշխատանքից։ Դրանք հիմնականում արևադարձային շրջանների թռչուններն են։
— Իսկ թռչունների ձուն ուտել կարելի՞ է,— հետաքրոքրվեց Հասմիկը։
— Կարելին՝ կարելի է, միայն թե անխղճություն է։ Ես թռչնի ձու երբեք չեմ կերել։
— Իսկ հավի ձո՞ւ,— Հասմիկը ժպտաց,— ի՞նչ տարբերություն։
Գագիկն ուսերը թոթվեց.
— Չգիտեմ, բայց թռչնի ձու չեմ ուտում։
Ոչ հեռվից լսվեց Արամի ձայնը.
— Գագիկ, խարույկը այստեղ եմ պատրաստում։
Գագիկը նայեց, տեսավ տեղն ու գլխով արեց.
— Պատրաստիր։
— Հասմիկ, լուցկին բեր։
— Իսկ հետո կաղնու տերևներ հավաքեք,— Արամի կողմը վազող Հասմիկի ետևից ձայնեց Գագիկը,— որքան կարող եք մեծերից՝ ձկները փաթաթելու համար։
Հասմիկը գլխով արեց ու վազեց։
{{ԵրեքԱստղ}}
Խորովածն սպասածից համեղ ստացվեց։
Այդ խոստովանեց նույնիսկ Արամը, որը քարանձավից դուրս գալուց հետո դարձել էր խիստ նրբաճաշակ և անընդհատ թերություններ էր գտնում Գագիկի պատրաստած ուտելիքներում։
— Այս անգամ ինքդ քեզ գերազանցեցիր,— երրորդ ձկան հետ հաշիվները մաքրելուց հետո հայտարարեց նա ու մտերմիկ թփթփացնելով ընկերոջ ուսին, ավելացրեց,— շարունակությունը վերցնում եմ ինձ վրա։
— Այսի՞նքն,— հարցական ժպտաց Հասմիկը։
— Լուծում եմ մրգի հարցը։
— Շատ շնորհակալություն, երեկվա թթված խնձորներից հետո ատամներիս խելքը դեռ գլուխը չի եկել։ Մենակ վայելիր գտածդ միրգը։ Բարի ախորժակ։
— Իմանայիր ի՜նչ միրգ եմ գտել...
Գագիկը, որ մինչ այդ մնացել էր կիսահանգած խարույկի մոտ և անտարբեր հետևում էր խոսակցությանը, բարձրացավ տեղից։
— Վերջ։ Դատարկախոսությունն ավարտում ենք ու շարժվում,— ասաց նա, նախաճաշից ավելացած ձկները տեղավորեց ուսապարկում և ընկավ առաջ։
— Սպասիր, ընկեր Դարվին,— ձեռքը նրա ետևից մեկնեց Արամը,— շատ ես շտապում, մորուտն այս կողմում է,— նա ցույց տվեց ճանապարհից աջ անտառի ուղղությամբ,— հիսուն քայլ էլ չկա, ուտենք ու շարժվենք։
— Մորի՞,— զարմացավ Հասմիկը։
Արամը գլխով արեց, այսինքն՝ այո։ Իսկ Գագիկը անփույթ թափ տվեց ձեռքը.
— Դատարկ բան է, քո գտած մորին քացախից չի տարբերվի։
— Իհարկե,— վիրավորվեց Արամը,— լիքը բան գտնելը քո մասնագիտությունն է, մերը դատարկ կլինի։
Գագիկը չէր ցանկանում վիրավորել ընկերոջը։ Փոշմանեց ասածի համար.
— Իզուր ես վիրավորվում։
— Իսկ ի՞նչ անեմ։ Ես ասում եմ, իսկ դու... Չէ՞ որ արդեն համտես եմ արել փայտ հավաքելիս։ Այնքան քաղցր էր։ Այդքան քաղցր մորի դեռ չէի հանդիպել։
Գագիկը զարմացած թոթվեց ուսերը.
— Չե՞ս կատակում։
Այս անգամ արդեն Արամը զայրացավ։
— Զզվեցնում ես քո կասկածամտությամբ, — բողոքեց նա,— ես երդվում եմ, իսկ դու...
— Ախր ո՞վ է տեսել, որ ամառվա այս ժամանակ հասած մորի լինի,— բացատրեց Գագիկը,— դա անհնար բան է։
— Իսկ ես ասում եմ, որ աչքովս եմ տեսել։ Ասում եմ, որ նույնիսկ կերել եմ։
Հասմիկը, որ հեռացել էր գետափին թողած կոշիկները վերցնելու, նորից մոտեցավ։ Տեսավ, որ տղաները դեռ շարունակում են վեճը, ծիծաղեց, թափահարեց ուսերին թափված մազերը և մերթ մեկին, մերթ մյուսին նայելով ասաց.
— Վիճելու բան եք գտել, հա՜... այսքան ժամանակ հինգ անգամ մորուտ հասած կլինեինք ու վերադարձած։ Իսկ դուք մեխվել եք տեղում ու համոզում եք իրար. «Հասած չի լինի»։ «Ազնիվ խոսք, հասած է»։ «Բայց ո՞վ է տեսել»։ «Ես եմ տեսել»։ «Ո՞վ է կերել» «Ես եմ կերել»։ Հետո՞,— նա ծիծաղեց և կտրուկ շարժումով դեմքին թափված մազերը մի կողմ տանելով, սլացավ Արամի ցույց տված ուղղությամբ։
Տղաները գնացին նրա ետևից։
Մորուտը մեծ էր՝ փոխված զառիթափի արևկող լանջին, և մորին էլ իսկապես հասած էր՝ հյութեղ ու խոշոր։ Առանց ժամանակ կորցնելու Արամն ու Հասմիկը ձեռնամուխ եղան հատապտուղները համտես անելուն, իսկ Գագիկն սկսեց շուրջը զննել։ Քիչ անց, մորու ժամանակից շուտ հասնելու գաղտնիքը արդեն պարզված էր՝ պատճառը տեղանքի չափից ավելի արևկող լինելու մեջ էր։ Արամն ու Հասմիկը վրա տված ճաշակում էին հասած պտուղները, Իսկ Գագիկը կանգնել նրանց կողքին և ոգևորված բացատրում էր այն կարևոր նշանակությունը, որ ունեն արևի ճառագայթները՝ բույսի հասունացման գործում։ Ընկերները համարյա չէին լսում, զբաղված էին ուտելով։ Վերջապես Գագիկը հասկացավ, որ ժամանակն անցնում է և դասախոսությունը հետաձգեց մեկ այլ, ավելի հարմար ժամանակի։ Նա նույնպես հետևեց Արամի ու Հասմիկի օրինակին։ Մորին իսկապես համեղ էր։ Դրանում համոզվեց անմիջապես, երկու կամ երեք հատապտուղ ճաշակելուց հետո և խոստովանեց.
— Ճիշտ որ, այսպիսի մորի դեռ չէի կերել։
— Իսկ դու փիլիսոփայում էիր,— հաղթանակած ժպտաց Արամը,— դե իմացիր, որ բնությունբ միայն քո սեփականությունը չէ, բա...
— Պարծենկոտ,— մորուց կարմրած շուրթերը մաքրելով հեգնեց Հասմիկը։
— Լավ էլի, Հասմիկ, կարծես բերանիս դրված կողպեք լինես։ Հենց մի բառ եմ ասում, անմիջապես։
— Դու էլ դրանից քաշվում ես, չես կարողանում ինքդ քեզ կարգին գովել, չէ՞։
— Պատկերացրու, այո։
Նրանք արդեն հոգնել էին ուտելուց, քաշվել մի կողմ և սպասում էին Գագիկի վերջացնելուն։ Երկու քայլ հեռու ընկած էր հաստաբուն մի ծառ։ Արամը մոտեցավ ծառին, նստեց և Հասմիկին նույնպես առաջարկեց նստել.
— Նստեք հանգստացեք, ընկեր քննադատ։
Հասմիկը չհրաժարվեց.
— Շնորհակալություն։
— Շատ ծանր եք տեղավորվում,— նկատեց Գագիկը, որ աչքի ծայրով հետևում էր նրանց,— կարծես մի դար նստած եք մնալու։ Ես արդեն վերջացնում եմ։
Նա միանգամից պոկեց չորս կամ հինգ մորի և ուտելով մոտեցավ ծառաբնին։ Հասմիկն ու Արամը ավարտել էին իրենց կիսավեճ-կիսակատակը և հիմա զբաղված էին ծառի չորացած կեղևները պոկելով։ Թե ինչն էր նրանց ստիպել զբաղվելու այդ տաղտկալի գործով, Գագիկը չհասկացավ և, թերևս դա հասկանալու նպատակով էր, որ սկսեց ուշադրությամբ հետևել ընկերների աշխատանքին։ Հետաքրքիր ոչինչ չկար. սովորական ծառ էր, սովորական կեղև՝ տեղ֊տեղ հեշտ պոկվող, տեղ֊տեղ էլ դժվար։ Կեղևի վրա համաչափ գնում-գալիս էր Հասմիկի ոտքը՝ բարակ, երկար։ Գագիկը նայեց ոտքին և անմիջապես էլ տեսավ մատնաչափ մորմը, որ սողում էր դեպի աղջկա ոտքը։ Գագիկը վախեցած ճչաց.
— Ութոտնուկը, փախիր։
Հասմիկն ու Արամը շփոթված նայեցին նրան։ Վերջինս զայրացավ ընկերների անտարբերությունից, ցատկեց տեղից, հասավ Հասմիկին ու ամբողջ ուժով քաշեց նրա թևը.
— Չե՞ս լսում։ Ութոտնուկը, թունավոր մորմը, ո՞ւմ եմ ասում։
Թունավոր բառը վախեցրեց Հասմիկին։ Նա թռավ տեղից։ Արամը նույնպես հեռացավ ծառից։ Գագիկի երկրորդ բացականչությունը նրանց երկուսին էլ լավ վախեցրել էր։ Բայց միաժամանակ մեծ էր նաև հետաքրքրությունը։
— Ի՞նչն էր քեզ սարսափեցրել,— առժամանակ նայելուց և վտանգավոր ոչինչ չհայտնաբերելուց հետո, հետաքրքրրվեց Հասմիկը։
— Օ՞ձ էր,— ավելացրեց Արամը։
— Չէ՛, չէ՛, մորմ՝ թունավոր ութոտնուկ,— Գագիկը մյուսներից ավելի մոտեցավ ծառաբնին և մատով ցույց տվեց վառ֊շագանակագույն մի բվեճ, որ շարժվում էր կեղևի ճեղքում։— Ա՛յ սա՝ մորմը։
Ցույց տվածն՝ արտաքուստ սովորական միջատ էր՝ առջևի աքցանաձև վերջավորություններով և ութ հատ, ասես մասնատված՝ ջարդված ու շատ վատ կպցրած ոտքերով։ Ոտքերը դասավորված էին չորսականէ յուրաքանչյուր կողմում։ Մարմնի ետևի մասից ձգվում էր պոչը՝ կեռ թրի պես կլորված ու կազմված առանձին՝ մեղեսիկի հատերի պես մանրիկ մասնիկներից։ Պոչի ամենավերջին հատվածը սուր էր, ինչպես ասեղ։
— Հենց դա էլ խայթիչն է,— պոչի սրված ծայրը ցույց տալով բացատրեց Գագիկը,— մորմը սովորաբար չի թունավորում, այսինքն օձի նման ակտիվ չէ։ Մորմին մինչև չկպչես, մինչև վնաս չհասցնես՝ չի կծի։ Բայց խայթածը խայթած է, օձի թույնից ուժեղ։
— Այդ մատնաչափի՞կը,— Արամը հիասթափված նայեց Գագիկին, հետո թափով գնաց դեպի ընկած ծառը։
Կռահելով ընկերոջ մտադրությունը Գագիկը նրան թույլ չտվեց մոտենալ ծառին.
— Սպասիր,— կանգնեցրեց նա,— չմոտենաս։ Կատաղած է, կխայթի։
— Լավ, բայց ո՞վ է նրան կատացեցրել,— զարմացած հարցրեց Հասմիկը։
— Երկուսիցդ մեկը։ Նստած ժամանակ թափահարել եք ոտքերդ ու պատահաբար խփել նրան։
— Բայց ախր դրա եղածն ի՞նչ է, որ,— Արամը նորից հոխորտաց,— նույնիսկ ամոթ է դրանից վախենալը։
— Դե լավ, լավ,— տեսնելով, որ Արամին խոսք հասկացնել չի հաջողվում, ասաց Գագիկը և առանց նրա թևը թողնելու քայլեց դեպի ճանապարհը,— գնանք։
Արամն ստիպված ենթարկվեց՝ գնաց Գագիկի ու Հասմիկի հետ, իհարկե, չմոռանալով իր անհիմն դատողությունները բվեճի մասին։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում ինքն իրեն համոզել, որ այդ պստլիկ միջատը իսկապես կարող էր իրենց լուրջ վնաս պատճառել։ Գագիկը փորձում էր համոզել նրան՝ օրինակներ էր բերում, դեպքեր, փաստեր հիշում...
Ամպերը, որ առավոտյան ծածկել էին երկինքը՝ պատռվեցին, ծվեն֊ծվեն եղան և գլխապատառ սկսեցին փախչել դեպի հորիզոնի անիրական գիծը։
Եռյակը շարժվում էր գետի ափով՝ հոսանքն ի վեր։
=== Գլուխ վեցերորդ ===
Կոշիկն ու գուլպաները, որ Հակոբը թողել էր եռացող լճի մեջ ընկնելու տեղումհ ոչ մի կերպ չհաջողվեց գտնել։ Չորեքթաթ տալով, տղաները ուսումնասիրեցին լճափի բավական ընդարձակ մի հատված՝ նույնիսկ ավելի մեծ, քան հարկավոր էր, բայց անօգուտ՝ կորուստը գտնել չկարողացան։
Վերջապես, հոգնած Հակոբն առաջարկեց դադարեցնել որոնումները։
— Այսպես մենք նորից կսովածանանք,— ասաց նա,— ավելի լավ է ճանապարհը շարունակենք։
— Իսկ ոտքե՞րդ,— անհանգստացավ Արեգը։
— Մի կերպ կդիմանամ։
— Ինվչպե՞ս կդիմանաս,— չհամաձայնեց Լևոնը, որ մյուսներից ավելի լավ գիտեր, թե ինչ է նշանակում այրված ոտքերով քայլելը,— անհնար բան է։
— Իսկ գուցե իմ կոշիկբ կհագնե՞ս,— կիսաձայն ասաց Վազգենը,— ես գուլպայով կքայլեմ։ Եմ ոտքերն այրված չեն...
— Չէ, չէ,— չհամաձայնեց Հակոբը,— պետք չէ։
— Ինչպե՞ս պետք չէ,— զայրացավ Լևոնը,— նրան մի լսիր, Վազգեն, տուր կոշիկդ։
Հակոբը նորից վարձեց հրաժարվել։ Բայց ընկերները համոզեցին և նա ստիպված վերցրեց։ Եվ անմիջապ ես էլ պարզվեց, որ լրիվ ավելորդ էին և՛ ընկերների ջանքերը, և՛ իր հրաժարականները՝ կոշիկը փոքր էր։ Հակոբը բարձրացավ տեղից.
— Իզուր էլ անհանգստանում ենք,— ասաց նա,— ոչինչ չկա, գնանք։
— Սպասիր, Հակոբ,— կանգնեցրեց Լևոնը,— սպասիր։
— Ի՞նչ կա։
— Վերցրու։
Մթության մեջ, շոշափելով նա գտավ ընկերոջ ձեռքն ու ափի մեջ խցկեց ինչ֊որ փալասի կտոր.
— Վերցրու։
— Ի՞նչ է,— զարմացավ Հակոբը։
— Վերնաշապիկս է, փաթաթիր ոտքիդ։
— Պետք չէ, հագիր, կմրսես,— հրաժարվեց Հակոբը։
Բայց Լևոնը չզիջեց.
— Մրսել, չէ մի՜... եռունդա, ոնց որ բաղնիքում լինեմ, Փաթաթիր, փաթաթիր։
Էլի մի փոքր համառելուց հետո Հակոբը համաձայնեց։ Ինքն էլ էր համոզված, որ բոբիկ ոտքով երկար դիմանալ չի կարող։ Ծալծլեց վերնաշապիկը, փաթաթեց ոտքին, թևքերով ամուր կապեց և մեկ-երկու անգամ ոտքը քարերի վրա սահեցնելուց հետո բարձրացավ տեղից.
— Ամեն ինչ կարգին է, գնացինք։
Հիմա արդեն համառելու բան չկար։ Տղաները միմյանց հետևից չոքեցին ջրով լի քարե տաշտակի վրա, մի կուշտ խմեցին ու բռնեցին միմյանց ձեռք։
Առջևում Հակոբն էր, վերջում՝ Վազգենը։ Նախապես պայմանավորվել էին, որոշել՝ քայլելու էին դեպի աջ՝ առանց լճից հեռանալու։ Դա Հակոբի առաջարկն էր, որին ոչ ոք չէր առարկել։
Քայլելը դժվար էր։
Խումբը շարժվում էր չափից ավելի դանդաղ՝ կրիայի պես։ Հակոբը զգուշորեն շոշափում էր գետինը և ոտքի տակ ամուր կարծրությունն զգալուց հետո միայն փոխում էր քայլը։ Տասնհինգ-քսան քայլափոխը մեկ խումբը կանգ էր առնում։ Վազգենը, առանց Արեգի ձեռքը թողնելու, ձախ ոտքը տանում էր կողք՝ զգուշորեն սահեցնելով քարերի վրայով, մինչև լճի եռացող մակերեսին հասնելը։ Դա նույնպես արվում էր ապահովության համարի լճից չհեռանալու նպատակով։
— Լսիր, Հակոբ,— բավական ճանապարհ լուռ անցնելուց հետո ասաց Լևոնը,— մինչև ո՞ւր ենք այսպես քայլելու։
— Մինչև այստեղից դուրս գալը,— հանգիստ պատասխանեց Հակոբը։
— Ուրեմն դու հույս ունես, հա՞,— փսփսաց Վազգենը։
— Իհարկե։ Քարանձավ է, էլի, սարից հո մեծ չէ՞, իսկ մեր սարերը ինքդ էլ լավ գիտես...
Հակոբի հանգիստ ձայնն ու վստահ պատասխանը ոգևորեց բոլորին և ամենից առաջ հենց իրեն՝ Հակոբին։
Խումբը շարունակեց քայլել և այս անգամ կարծես ավելի արագ...
{{ԵրեքԱստղ}}
— Ի... անձրև՞ է։
Արեգի ձայնն էր։
— Ի՞նչ անձրև,— զարմացավ Լևոնը։
— Չգիտեմ։ Գլխիս ջուր կաթեց, հորս արև։
— Եռունդա,— չհավատաց Լևոնը։
— Թվացած կլինի,— միջամտեց Վազգենը,— անձրևը որտեղի՞ց էր գալու, քարե երկնքի՞ց։
— Չգիտեմ,— Արեգն ուսերը թոթվեց ու ստիպված համաձայնեց,— գուցե թվացել է։
— Իհարկե, թվացել է։
Հակոբը չխառնվեց խոսակցությանը։ Ջրի կաթիլները նրա գլխին նույնպես ընկել էին։ Սկզբում նա մտածել էր ընկերների պես։ Բայց առաջին կաթիլին հաջորդել էր երկրորդը, երրորդը և նա համոզվել էր, որ վերևից իսկապես ջուր է կաթում։ Իսկ Արեգի ասածը վերջակետ էր դրել կասկածի դեռևս գոյություն ունեցող փոքրիկ նշաններին։ Հակոբը նայեց վեր։ Գլխավերևում նույն մութն էր, ինչ կողքերին, առջևում ու ետևում՝ անհասկանալի, ամեն տեսակ անակնկալներով ու առեղծվածներով լի։
«Որտեղի՞ց կարող էր առաջանալ այս կաթոցքը»,— մտածում էր Հակոբը, երբ ետևից լսեց Լևոնի անհանգստացած ձայնը.
— Վա՜յ, իսկապես...
— Կաթո՞ւմ է,— անմիջապես հարցրեց Արեգը։
— Հա՛։
Խումբը կանգ առավ։
— Ի՞նչ կարող է լինել,— անհանգստացավ Վազգենը։ Նրա վրա դեռ ոչ մի կաթիլ չէր ընկել ու դրանից նա կարծես ավելի էր վախեցած, քան մյուսները։
— Գուցե իսկապե՞ս անձրև է։
— Քարե երկնքի՞ց,— Արեգի մտքին չհամաձայնեց Վազգենը։
— Իսկ մեր գլխավերևում գուցե իսկական երկի՞նք է,— շարունակեց Արեգը։
— Չէ մի, դատարկ բաներ ես ասում, իսկական երկինք... իսկ ո՞ւր է լույսը։
— Գուցե գիշեր է։
— Եռունդա, թող աստղեր լինեն։
— Ամպ ժամանակ ի՞նչ աստղեր։
— Չէ,— Արեգին ընդհատեց մինչ այդ լուռ Հակոբը,— անձրև չէ, բայց վախենալու բան, իհարկե, չկա։ Հիշո՞ւմ եք, բաղնիքում ջուրն ինչպես է առաստաղից կաթում։ Տարբերություն չկա, նույնն էլ այստեղ է։ Եռացած ջուրը լճից գոլորշիանում է, քարերի վրա սառում, դառնում կաթիլ ու թափվում ներքև՝ ինչպես բաղնիքում։
Հակոբի ասածը իրականությանը մոտ էր, բոլորին համոզեց։
Կաթիլքը գնալով ուժեղանում էր։ Բայց հիմա արդեն այն տղաներին վախեցնել չէր կարող սովորական ջուր է, գալիս է թող գա։
Բայց քիչ անց պարզվեց, որ կաթիլների առատությունն իր հետ բերում է մեկ ուրիշ անակնկալ, որի մասին տղաներից ոչ մեկը չէր կարող նույնիսկ մտածել։
Առաջինը դա հասկացավ Հակոբը, որովհետև գնում էր շարքի առաջից։
Քայլելու ընթացքում, աջ ձեռքով նա անընդհատ շոշափում էր մթությունր և քայլը փոխում միայն այն ժամանակ, երբ համոզվում էր, որ վտանգավոր ոչինչ չկա ոչ միայն ոտքերի տակ, այլև ձեռքի դիմաց։ Նույն գործողությունը անընդհատ կատարելուց ձեռքն արդեն հոգնել էր, ընդարմացել, բայց Հակոբի մտքով էլ չէր անցնում, որ կարելի է քայլել առանց այդ նախազգուշական շարժման։ Եվ ահա պարզվեց, որ տղայի զգուշությունը բոլորովին ավելորդ չէր։
Կաթիլքի ուժեղանալուց հետո անցել էր մի քանի րոպե՝ վեց կամ յոթ, երբ Հակոբի առաջ պարզած մատերը զգացին ջրոտ քարերի խոնավ կոշտությունը։ Դրանից Հակոբն այնքան էլ չվախեցավ։ Մտածեց, որ բավական է շարժվել փոքր-ինչ այն կողմ՝ աջ կամ ձախ և ամեն ինչ կհարթվի, պատը տեղի կտա, ձեռքն առաջվա պես կտատանվի դատարկ մթության մեջ։ Սակայն տղայի լավատեսությունը չարդարացավ. քարե պատը նրանց ճանապարհը վերջնականապես փակել էր։
Հակոբի անշարժանալն առաջինը նկատեց Լևոնը, որ գալիս էր անմիջապես նրա ետևից։
— Գնա, ինչո՞ւ կանգնեցիր,— ասաց նա ու սեղմեց Հակոբի ձեռքը։ Պատասխան չստացավ,— ուզում ես հանգստանա՞նք։
— Ճանապարհ չկա,— կիսաձայն ասաց Հակոբը։
— Ինչպե՞ս թե,— Լևոնը բարձրացրեց ձայնը,— ինչպե՞ս չկա,— նա թողեց Հակոբի ձեռքն ու կույրի պես խարխափելով նետվեց առաջ։
Տղաների ձայները խառնվեցին իրար։
Չորս զույգ ձեռքեր սկսեցին շարժվել քրտնած քարերի վրա՝ շոշափել պատի խոնավ կարծրությունը։ Բայց ժայռը կանգնած էր համառ ու անողոք։ Որոնումներն անցան ապարդյուն։
Ճանապարհը փակ էր։
Հուսահատությունը նորից համակեց քառյակին՝ այս էլ որերորդ անգամ։
Չորս տղաները հոգնած փռվեցին ջրակոլոլ քարերի վրա։
Կրիայի խաշած մսով ու գոլ ջրով կազդուրվելուց հետո առաջացած փրկության հույսը կրկին տեղի տվեց քարանձավում կորչելու մտքհն։
{{ԵրեքԱստղ}}
Տանջալից անորոշությունը ձգվեց բավական երկար և անսպասելիորեն ընդհատվեց Արեգի հարցական փսփսոցով.
— Տղերք, դուք բան նկատո՞ւմ եք։
Ոչ ոք չպատասխանեց։
Լռությունն Արեգին չբավարարեց և նա փսփսաց նորից, այս անգամ կոնկրետ հասցեով։
— Հակոբ,— ասաց,— դու ո՞ր կողմն ես նայում։
— Դեպի լիճ,— անտրամադիր խոսեց Հակոբը։
— Հակառակ ուղղությամբ նայիր,— խնդրեց Արեգը։
— Ի՞նչ կա,— ալարելով փնթփնթաց Հակոբը։
— Ինձ թվում է, որ այն կողմում լույս եմ տեսնում։
— Լո՞ւյս...
Բոլորը միանգամից շրջվեցին, նույնիսկ առանց հաշիվ տալու՝ դա պետք էր, թե ոչ։
Արեգը շարունակեց.
— Շատ թույլ է գիտե՞ք, հազիվ նկատելի։ Կամ գուցե թվում է...
Չորսն էլ պահեցին շունչները։ Լուռ ուսումնասիրում էին անձև ու անորոշ սևը։
— Չէ, թվացել է,— հոգոցի հետ թույլ֊թույլ արտաբերեց Լևոնը։
— Իսկ իմ կարծիքով Արեգը ճիշտ է,— չհամաձայնեց Հակոբը,— մութն այնտեղ իսկապես ավելի թափանցիկ է։
— Երևի...
Վազգենն էր։ Ցանկանում էր ինչ֊որ բան ասել, բայց անսպասելիորեն փոխեց որոշումն ու չասաց։
Իսկ Հակոբը նորից պնդեց իրենը և անմիջապես առաջարկեց շարժվել։
Առաջարկը չվիճարկեցին։ Նույնիսկ Լևոնը ծպտուն չհանեց։
Գնում էին, ինչպես մինչև պատին հասնելը՝ չորեքթաթ, ճանապարհն ստուգելով։ Հետո, երբ շոգը կամաց-կամաց սկսեց թուլանալ նրանք հասկացան, որ լճից հեռացել են և ձեռքերը պոկեցին գետնից, քայլեցին մարդավարի՝ միայն երկու ոտքով։
Իսկ մութը գնալով գունաթափվում էր, փոխվում կաթնագույնի։ Լույսի աղբույրը հայտնաբերել դեռ չէր հաջողվել, բայց չորսն էլ գիտեին, որ այդ աղբյուրը կա և վաղ թե ուշ կգտնեն այն։ Ուրախության ճիչերն ու աղմուկ-աղաղակը յուրաքանչյուր րոպեն մեկ թնդացնում էր օդը։ Այլևս ոչ մի կասկած՝ փրկությունն այստեղ է, մոտերքում ինչ֊որ տեղ և նրանք մոռացած ցավ ու հոգնածություն գնում էին դեպի փրկարար լույսը։
Առջևից քայլում էր Հակոբը։ Քայլում էր արագ, առանց շուրջը նայելու, առանց շրջապատին ուշադրություն դարձնելու։ Երբեմն կանգնում էր, բայց տառացիորեն վայրկյաններ՝ շունչը տեղը բերելու համար։ Եվ հենց անմիջապես լսվում էր ետևից եկողների դժգոհ ձայները.
— Էլի կանգնեց։
— Գնա, Հակոբ ջան, կանգնելու ժամանակը չէ։
— Գնա...
Լճից նրանք բավական հեռացել էին։ Եվ ճանապարհը մի քանի անգամ արդեն ոլորվել էր՝ արևկող արած օձի գալարներով, երբ երևաց լույսի աղբյուրը՝ միանգամից ու անսպասելի։ Անցան հերթական շրջադարձը և հայտնվեցին լույսով լցված շրջանակի դիմաց։
Մի պահ կանգ առան՝ ասես քարացան։
— Վերջապես,— շշնջաց Հակոբը։
— Փրկվեցինք։ Հորս արև, փրկվեցինք,— ճչաց Արեգն ու նետվեց առաջ։ Բարձրացավ քարե շրջանակի գոգը, նայեց ներքև ու առանց շրջվելու գոռաց։— Գետնից բարձր ենք, բայց այստեղ պարան կա...
— Պարա՞ն։
— Ի՞նչ պարան։
— Սովորական պարան։ Ճյուղերից հյուսած,— պատասխանեց Արեգն ու մինչև ընկերները կմոտենային, կտեսնեին, թե ինչ պարանի մասին է խոսքը, ճանկեց անցքի եզրից իջնող պարանն ու սահեց ներքև,— ցտեսություն։
Առաջինը, որ հանդիպեց քառյակը անտառ մտնելուն պես, խարույկի մնացորդներն էին։ Վազգենը հայտնաբերեց։ Անմիջապես խառնշտեց ու գոռաց.
— Խարույկը դեռ տաք է։
— Տա՞ք,— Հակոբը կաղալով մոտեցավ։
Տաքն, իհարկե տաք չէր, բայց մոխրի տակ իսկապես կրակ կար։ «Ո՞վ կլինի վառած»— մտածեց Հակոբն ու անմիջապես ձեռքը խփեց գլխին.
— Դդում...
— Ըհը,— ծիծաղեց Արեգը։
Հակոբն ուշադրություն չդարձրեց։ Շարունակեց.
— Ամեն ինչ պարզ է։ Այս խարույկն Արամենք են վառել ու պարանն էլ են նրանք կախել։
— Մեզ համար,— քրթմնջաց Լևոնը։
Հակոբը ծիծաղեց։
— Դդում,— ասաց ու ցույց տվեց իրենց անցքից վեր մթին տվող այրը։
Լևոնը գլխով արեց՝ հասկացա։
— Ուրեմն նրանք այնտե՞ղ են եղել,— հարցրեց Արեգը։
— Այո,— առանց տատանվելու պատասխանեց Հակոբը։
Հենց այդ պահին էլ լսվեց Վազգենի նոր բացականչությունը.
— Տղերք խորոված սունկ։
Լսեցին ու վազեցին։
Ասես պատվերով մնացել էր ուղիղ ութ հատ։ Վրա տված կերան։ Սառն էր ու համն էլ բավական կորցրած, բայց չորսին էլ թվաց, որ ավելի համեղ բան վերջին տարիներին իրենց չէր հանդիպել։
Կերան ու ճանապարհ ընկանհ Արամի եռյակի հետքերով։
{{ԵրեքԱստղ}}
Երկրորդ օրը երեկոյան էր...
Ուր֊որ է կմթներ և քառյակն արդեն գիշերելու տեղ էր փնտրում, երբ հանկարծ Վազգենն ասաց.
— Դուք ձայներ լսո՞ւմ եք։
— Ի՞նչ ձայն,— հարցրեց Լևոնը։
— Խոսակցության,— պատասխանեց Վազգենն ու մատը մեկնեց առաջ,— ինձ թվաց, որ այնտեղից է գալիս։
— Արամ ենք կլինեն,— գուշակեց Հակոբն ու քայլեց Վազգենի ցույց տված ուղղությամբ։
Ձայներ իսկապես լսվում էին, միայն թե դրանք Արամի ու նրա ընկերների ձայները չէին, ինչպես գուշակել էր Հակոբը։ Խոսողը Կարենն էր և Հակոբը դա հասկացավ առաջին իսկ բառերը լսելուն պես։
«— Սաքոն։ Մեր Սաքուլիկը, անդրավարտիքը փոխած ու ինքն իր տափակության վրա քրքջալիս...»— ասում էր Կարենը։
— Կարեն,— ամբողջ ուժով գռռաց Հակոբը։
Պատասխանը չուշացավ։
— Քիթս կկտրեմ, թե սա ցախլեղտակցի Հակոբի ձայնը չէր.— ասաց Կարենն ու ինքն էլ իր հերթին գոռաց,— Ցախլեղտակ։
Արեգն ու Վազգենը ուրախ ճիչեր արձակելով նետվեցին առաջ։ Հակոբը ցանկանում էր հետևել նրանց, բայց Լևոնը բռնեց թևը։
Հակոբը շրջվեց.
— Ի՞նչ ես ուզում։
Մի րոպե, Հակոբ ջան։
— Ի՞նչ կա։
— Մի բան եմ ուզում խնդրել։
Առջևում աղմուկ֊աղաղակ էր բարձրացել։
— Խնդրիր, շուտ արա,— շտապեց Հակոբը։
— Ես...
Լևոնը չշարունակեց։ Նա հուզված էր, մի տեսակ այլայլված. «Ի՞նչ կարող է պատահած լինել»,— մտածեց Հակոբը։
— Ասա, Լևոն ջան։
— Ես,— Լևոնը նորից հապաղեց,— ուրեմն, իշխանի գանձարանում ես մի մատանի էի վերցրել, ձեզանից գաղտնի։ Դե, գիտես էլի, ...դե, հասկանում ես էլի...
— Հասկանում եմ,— Հակոբը գլխով արեց,— գողացել էիր։
— Չէ, ի՞նչ գողանալ, վերցրել էի։
— Դե լավ, վերցրել էիր, հետո՞։
— Հիմա ուզում եմ, որ այս մատանին...
Լևոնը նորից հապաղեց։
— Տանենք-ծախե՞նք։
— Չէ, ուզում եմ տանք տղաներին։
— Նվեր, հա՞։
— Չէ, որ հանձնեն՝ ում պետքն է։
— Դե տար տուր, էլի,— Հակոբը փորձեց շարժվել, բայց Լևոնը կանգնեցրեց նրան։
— Ես ամաչում եմ, Հակոբ ջան, խնդրում եմ դու տուր։ Հակոբը մի պահ մտածեց ու համաձայնեց.
— Դե լավ, տուր։ Կասենք ապացույցի համար էինք վերցրել, որպեսզի ցույց տանք չհավատացողներին,— Հակոբը վերցրեց մատանին, բայց վազելով առաջ հանկարծ հասկացավ, որ Լևոնը կարող էր մատանին նաև չտալ, թաքցնել։ Հակոբը ինքնիրեն ժպտաց, հետո թփթփացրեց ընկերոջ ուսն ու վազելով ասաց.
— Ապրես։
=== Գլուխ յոթերորդ ===
— Նորի՞ց։
— Նորից,— Գագիկը նստած էր մեջքով դեպի խարույկը և Հասմիկին չհաջողվեց նրա դեմքը տեսնել,— անվերջ կծոտում են։
— Ինձ էլ,— բողոքեց քնակոլոլ Արամը,— այնքան էլ շատ են անիծվածները։
Գագիկը մտազբաղ տրորեց ձեռքերը.
— Անհրաժեշտ է ինչ-որ բան մտածել,— փնթփնթաց նա։
— Ես պատրաստ եմ հենց հիմա սուզվել գետի մեջ,— Արամն այնպես էր քորվում, ասես հարյուր տարվա բորոտ լիներ,— միայն թե... անիծվածները քիչ է մնում մարդու բերանը լցվեն,— թվում էր, որ նա հենց հիմա կսկսի լաց լինել զայրույթից ու անզորությունից,— միայն թե ազատվեմ այս աներեսներից։
Հասմիկը, որ քորվում էր տղաներից ոչ պակաս եռանդով ու փութաջանությամբ, անմիջապես ձայնակցեց Արամին.
— Եվ որտեղի՞ց էլ հավաքվեցին այսքան,— Հասմիկն ամբողջ ուժով ձեռքերը խփեց կանաչին,— Կարենը պատմում էր, որ մի անգամ, ճամբարում՝ մժղուկները գրոհել են իրենց վրանի վրա ու...
— Ո՞ր Կարենը,— ընդհատեց Արամը,— ձեր միջ...
— Այո։ Մեր միջանցքի։
— Հետո՞, ի՞նչ են արել։
— Կծոտել են։
— Ըմ՜մմ...
— Ամբողջ գիշերը։
— Ուրեմն փրկություն չկա,— համարյա լացակումեց Արամն ու եռանդուն քորվելով մոտեցավ Գագիկին,— լսո՞ւմ ես։
— Ի՞նչ։
— Փրկություն չկա։
— Ումի՞ց,— չհասկացավ Գագիկը։
— Միջատներից։
— Ի՞նչ միջատ։
Արամը հասկացավ, որ Գագիկը նորից ընկել է անուն-ազգանունը չհասկանալու վիճակի մեջ։ «Էլի տեսնես ինչ հիմարության վրա է մտածում՝ աշխարհից վերացած»,— նա զայրացած թքեց։
— Պոզով միջատները, պոչով միջատները, հազար գլխով միջատները, հազար ոտքով միջատները։
Գագիկը քթի վրա ուղղեց ակնոցը և նայեց Արամին ։ Հայացքում միայն զարմանք կար.
— Ասում ես ի՞նչ։
— Ոչինչ, ոչինչ, ոչինչ, ո՜֊չինչ,— հուսահատված նետեց Արամն ու թափ տվեց ձեռքը,— ոչինչ։
Առանց ընկերոջ շարժումներին ուշադրություն դարձնելու, Գագիկը կրկին խորասուզվեց մտքերի մեջ։
Արամը հասկացավ, որ նրանից որևէ օգնություն ստանալու մասին մտածելը կլինի առնվազն խելագարություն և մոտեցավ Հասմիկին։
— Մեր գլխի ճարն ինքներս պետք է տեսնենք,— ասաց նա։
— Այս աներեսները նրան չե՞ն կծոտում։
— Երևի կծոտում են։
— Բայց ոչ քորվում է, ոչ շարժվում։
— Չե՞ս տեսնում, էլի գյուտ է անում, մտքերի մեջ է թաղվել։ Հիմա խարույկն էլ գցես, օֆ չի անի։
— Չփորձե՞նք լողանալ,— Արամը նայեց Հասմիկին,— հը՞։
Հասմիկն ուսերը թոթվեց.
— Օգուտ կտա՞։
— Ինձ թվում է՝ կտա։
— Իսկ եթե մրսե՞նք։
— Բայց այսպես էլ դիմանալն է անհնար։
Արամն ու Հասմիկը հարցական հայացքներով նայեցին միմյանց։ Նրանք դեռ չէին հասցրել որոշել իրենց անելիքը, երբ լսվեց Գագիկի ձայնը։ Տղան բղավում էր գործի դնելով թոքերի ողջ հզորությունը.
— Գտա։ Հիմա մենք դրանց այնպես կքշենք, որ...
Արամն ու Հասմիկը սպասողական նայեցին նրան՝ երկուսն էլ դժվարանում էին հավատալ, որ իրենց կհաջողվի ազատվել աներես միջատների ավազակային հարձակումներից։ Գագիկը նրանց հրամայեց անմիջապես մոտենալ կրակին։
— Ա՞յդ է գտածդ,— լսածից դժգոհ փնթփնթաց Արամը։ Նա այդ եղանակը արդեն փորձել և արդյունքի չէր հասել։ Ճիշտ է, կրակին մոտենալիս միջատները հեռանում էին, բայց հետո՝ կրակից կես քայլ այս կողմ գալուն պես կրկին վրա էին տալիս։ Չէ, կրակը ելք չէր, և Արամը հենց այդպես էլ ասաց Գագիկին։ Բայց Գագիկն իրենը պնդեց.
— Անմիջապես մոտեցեք,— հրահանգեց նա,— իսկ հետո,— այս վերջինն արդեն վերաբերում էր միայն Արամին,— ածուխներով խանձիր այն տարածությունը, որտեղ քնելու եք։ Մինչև վերադառնալս պատրաստ լինի։
Նա վերցրեց բոցը ծայրին պարող մի փայտակտ որ և ջահի նման պահելով գլխավերևում, վազեց դեպի ծառերը։ Արամն ու Հասմիկը անմիջապես մոտեցան կրակին. նախ դեպի կրակը կանգնեցին մեջքով, այնուհետև՝ դեմքով։ Մժղուկները կորան, միաժամանակ կտրվեց նաև անտանելի քորը։ Արամը գիտեր, որ հենց հիմա նրանք նորից կգրոհեն։ Դրա համար էլ, մինչև քորի նոր նոպայի սկսելը ձեռնամուխ եղավ Գագիկի հաջորդ հրամանի կատարմանը՝ ածուխով գետինը խանձելուն։ Աշխատում էր ջանասիրությամբ. բոցի լեզուները դաղում էին գետինը յուրաքանչյուր սանտիմետր։ Հասմիկն անձողներ էր մատակարարում, իսկ նա թփթփացնում էր կանաչներին և կրակն անհետանալուն պես, ծխացող փայտը նետում էր խարույկն ու փոխարենը վերցնում նորը։ Աշխատանքը բավական երկարեց։ Բայց և այնպես, նրանք վերջացրին ավելի շուտ, քան Գագիկը կվերադառնար։ Պարզվեց, որ գետինը դաղելն իսկապես օգտակար էր՝ միջատները բավական ժամանակ չերևացին։
Իսկ Գագիկն այդ ընթացքում վազվզում էր մի ծառից մյուսը։ Մոտենում էր միայն սոճիներին։ Լուսավորում էր ճաքճքված բները, ինչ֊որ բան էր որոնում և գտնելուն պես պոկում, տեղավորում ուսապարկի մեջ ու վազելով մոտենում հաջորդին։ Նույն գործողությունը նա կատարեց մոտավորապես տասնհինգ անգամ։ Հետո արածը համարեց բավարար, և վերադարձավ խարույկի մոտ։
Վերադառնալուն պես, կարգադրեց մեկ անգամ նորից-խանձել գետինը։
— Արդեն երեք անգամ խանձել ենք,— ասաց Արամը։
— Ոչինչ, սա անհրաժեշտ է։
Արամը ձեռքն առավ վառվող փայտը, սկսեց թփթփացնել կանաչների վրա, իսկ Գագիկը պայուսակից հանեց ինչ֊որ կպչուն նյութ և բարակ երիզով զգուշորեն շրջափակեց ընկերոջ մաքրած տարածությունը։
— Դա ի՞նչ բան է,— հետաքրքրվեց Հասմիկը։
— Խեժ,— կտրուկ պատասխանեց Գագիկը,— սոճու խեժ։
— Միջատները դրանից անցնել չե՞ն կարող։
— Չեն կարող։
Հասմիկը մի տեսակ թերահավատորեն նայեց Գագիկի ասածին։
Բայց պարզվեց, որ Գագիկն այս անգամ ևս իրավացի է։
Խեժով շրջապատվելուց հետո այլևս ոչ մի միջատ չհամարձակվեց մոտենալ խարույկի մոտ տեղավորվածներին և նրանք անխռով քնեցին մինչև արևածագ։
{{ԵրեքԱստղ}}
Կեսօրին Գագիկը նոր միտք հղացավ։
— Ուզո՞ւմ եք, այսօր ձեզ սկյուռի մսով հյուրասիրեմ,— հարցրեց նա։
Տարօրինակ առաջարկ էր։ Իհարկե, ինչպե՞ս կարող ես մտածել ճարպիկ ու արագաշարժ սկյուռին դատարկ ձեռքերով բռնելու մասին. սա՝ մեկ։ Եվ երկրորդը՝ որտեղի՞ց կգտնես այդ սկյուռը։ Անտառում ճանապարհորդելու ընթացքում նրանք դեռ ոչ մի անգամ չէին հանդիպել փափլիկների ընտանիքի պստլիկ ներկայացուցիչներին, այնպես որ... Ահա թե ինչու պատասխանելուց առաջ Արամն ու Հասմիկը փորձեցին պարզաբանել իրենց հուզող հարցերը։
— Իսկ սկյուռին բռնել կկարողանա՞նք,— հարցրեց Հասմիկը։
— Իսկ այս կողմերում սկյուռ կա՞,— հարցրեց Արամը։
Բայց Գագիկը չշտապեց քարտերը բացել.
— Դուք միայն ասացեք՝ ուզո՞ւմ եք, թե ոչ։
— Իսկ ո՞վ չի ուզի,— Հասմիկը ժպտաց,— սունկ, ձուկ, մորի, խնձոր, հիմա էլ սկյուռ... արքայական ճաշկերույթներ ենք տալիս։
Գագիկը նույնպես ժպտաց և շրջվեց Արամին.
— Իսկ դո՞ւ։
— Ուզում եմ, այն էլ շատ, միայն չեմ հասկան ում, թե դու որտե՞ղ ես գտնելու այդ խեղճ սկյուռիկին։
— Որտե՞ղ,— Գագիկը բռնեց Արամի ձեռքը,— արի,— գնացին մոտակայքում երևացող եղևնու կողմը։ Գագիկը ցույց տվեց գետինը՝ ծառի բնի մոտ,— դե, նայիր։
Արամը նայեց և ոչինչ չհասկացավ։ Հասմիկը նույնպես բան չհասկացավ։ Գագիկի ցույց տված տեղում խոտը ծածկված էր կրծած սերմերի թեփուկներով և եղևնու կոների մերկացած ձողիկներով, բայց ի՞նչ...
— Հիմա հասկացա՞ք,— հպարտ֊հպարտ ասաց Գագիկը։
— Հը՜ը։— Արամն ու Հասմիկը միաժամանակ շարժեցին գլուխները։
— Հետո էլ ծիծաղում եք,— Գագիկը արհամարհական շարժում արեց՝ աջ ձեռքով,— դուք նույնիսկ չեք հասկանում, որ սրանք,— նա ոտքով խփեց կոների ձողերին ու թեփուկներին,— որ սրանք առաջացել են սկյուռների ճաշկերույթներից, որ դրանց թերմացքներն են։ Իսկ եթե թերմացքր կա, ուրեմն եղել է ճաշկերույթը, ուրեմն եղել են նաև սկյուռները։ Պարզապես նրանց տեսնել չի հաջողվում, որովհետև մեր երևալուն պես փախչում են, թաքնվում։ Պա՞րզ է։
— Պարզը՝ պարզ է,— պատասխանեց Հասմիկը,— միայն թե չեմ հասկանում, ինչպես ես նրանց բռնելու։ Չէ՞ որ ինքդ ասացիր՝ մեզ տեսնելուն պես փախչում են, թաքնվում։
— Դա արդեն իմ գործն է,— ոչ առանց հպարտության ասաց Գագիկն ու բաժանվեց ընկերներից,— ձեզ կեսժամանոց հանգիստ եմ տալիս։
Հասմիկն ու Արամը անմիջապես հարմար տեղավորվեցին կանաչների վրա՝ դեմքերը դեպի գետն ու սկսեցին հիանալ ալիքների նազուն հանդարտությամբ։ Արևը շեղակի խփում էր նրանց մեջքերին։ Ծառերի սաղարթներն անկարող էին պատնեշել ամառային արևի կիզիչ ճառագայթների ճանապարհը։ Արամը մտածեց, որ Գագիկի հեռանալուց արդեն բավական ժամանակ է անցել և անհանգստացած ձայնեց.
— Գագիկ։
— Աո՜ւ,— լսվեց պատասխանը ծառերի ետևից։
— Իսկ ես մտածեցի, որ արդեն կորել ես։
— Ավելի լավ բան մտածիր։
— Կփորձեմ։
— Իսկ սկյուռին դեռ չե՞ս բռնել,— խառնվեց Հասմիկը։
— Դեռ ոչ։
— Արագացրու,— ասաց Հասմիկն ու շրջվեց Արամին,— հաճելի է, չէ՞, անտառում ապրելը։
— Երանի Ռոբինզոնի՞ն,— Արամը ժպտաց։
— Սիրով կապրեի մի ամբողջ ամիս,— ոգևորվեց Հասմիկը,— եթե մայրիկի համար անհանգստությունը չլիներ՝ Գագիկի հետ կմնայի այստեղ։
— Եվ անպայման Գագիկի հետ՝ երկուսով։
— Երեքով,— Հասմիկը ժպտաց և դրանից նրա թուխ, բարալիկ դեմքն ավելի գեղեցկացավ։
«Գագիկը երբեք այդպիսի բան չի ասի»— մտածեց Հասմիկը։
«Երեքով։ Բայց նախ Գագիկը»։— Մտածեց Արամը։
Նա Հասմիկին չնայեց.
— Գագիկը մեծ բնագետ կդառնա։
— Երևում է։
— Դասարանում բոլորը Դարվին են ասում, նույնիսկ ուսուցիչները։ Բան չկա, որ չիմանա։
— Նա որ չլիներ մենք կորած էինք։
— Ճիշտ է,— Արամը հիշեց քարանձավում իր գլխին եկածը,— ես որ լրիվ «կապուտ» եղած կլինեի,
— Ո՛չ միայն դու։ Նոր եմ հասկանում, թե ես ինչպիսի հիմարություն եմ թույլ տվել։
— Ինչպիսի՞։
— Բնագիտությունը։ Բոլորովին չեմ սիրել, չեմ սովորել։ Մի տեսակ երկրորդական առարկա եմ հաշվել։
— Ես էլ, գիտե՞ս, բոլորովին չեմ սիրել։
Նրանց խոսակցությունն ընդհատվեց Գագիկի կանչով։ Արամն անմիջաւպես բարձրացավ տեղից։ Հասմիկը, որը նույնպես ձանձրացել էր պառկած մնալուց, հետևեց նրան։ Գագիկը Արամին մեկնեց ձվի մեծությամբ փոքրիկ, կանաչ մի կծիկ և խնդրեց տեղավորել քիչ առաջվա եղևնու վրա։
— Իսկ սա ի՞նչ է,— հանձնարարությունը կատարելուց առաջ հետաքրքրվեց Արամը։
— Խայծ,— բացատրեց Գագիկը,— ներսում փշեր են, իսկ վրան՝ սկյուռի սիրած ուտելիքները՝ սնձի պտուղ և եղևնու սերմ։ Սկյուռը կուտի ու...
— Խեղճ սկյուռ,— հոգոց հանեց Հասմիկը։
Արամը նայեց նրան ու անմիջապես շուլալվեց ծառի բնին։ Վախեցավ, որ եթե մի քիչ էլ ուշացնի, Հասմիկը կարող է արգելել բարձրանալն ու իրենք կզրկվեն համեղ ճաշից։ Բարձրանում էր արագ, ճարպկորեն, իսկական կապիկի պես՝ ճյուղից֊ճյուղ ցատկելով։ Քիչ անց, նա արդեն Գագիկի ցույց տված տեղում էր։ Այնտեղից նայեց ներքև ու ձայնեց.
— Լա՞վ է։
— Շա՛տ,— պատասխանեց Գագիկը։
Արամը տեղավորեց խայծը՝ երկու բարալիկ ճյուղերի միացման տեղում ու սահեց ներքև։
— Իսկ հիմա սպասենք սկյուռի՞ն,— հարցրեց Հասմիկը։
— Այո,— Գագիկը գլխով արեց,— միայն թե առանց ծպտուն հանելու։
Երկար սպասելու կարիք չզգացվեց։ Գագիկը հավանաբար գիտեր, թե ինչ ընտրություն է կատարել։ Խումբը նոր էր հեռացել եղևնուց ու տեղավորվել տասնհինգ-քսան մետր հեռավորության վրա գտնվող կաղնու ստվերում, երբ ճյուղերի արանքից հայտնվեց կաթնագույն, փափլիկ սկյուռիկը։ Ճյուղից-ճյուղ ոստոստալով հասավ խայծը պահող ճյուղարմատին, վախեցած նայեց աջ ու ձախ՝ համոզվեց, որ վտանգ չկա և սկսեց կրծոտել կանաչ կծիկը։
Արամը ծափ տվեց ու թռավ տեղից.
— Հիմա կընկնի,— գոռաց ու նետվեց դեպի ծառը։
— Գործը բարդացրեց,— դժգոհեց Գագիկը։
— Աղմուկի՞ց,— հարցրեց Հասմիկը։
— Իհարկե, թույլ չտվեց, որ լրիվ ուտի։ Հիմա կփախչի, պետք է հետապնդենք։
Գագիկը վազեց Արամի ետևից, Հասմիկը՝ Գագիկի։
Արամի գոռգոռոցն իսկապես վախեցրեց սկյուռին։ Ձայնը լսելուն պես նա թողեց կիսակրծած կծիկն ու նետվեց ծառի ավելի բարձր ճյուղերին, իսկ այնտեղից անցավ հաջորդ ծառին, որի սաղարթը համարյա քսվում էր առաջինին։ Տղաներն ու Հասմիկը հետևեցին նրան։ Բայց սկյուռն այս ծառի վրա նույնպես չմնաց։
— Հիմա կհոգնի,— գուշակեց Արամը,— դժվար թե երկար դիմանա։
— Իսկ եթե չգոռայիր...
Արամը չլսեց։ Գագիկն էլ չշարունակեց։
Ոգևորությունից իրենց կորցրած նրանք վազում էին մի ծառից մյուսը՝ ավելի ու ավելի խորանալով թավուտ անտառում։ Հասմիկը հազիվ էր հասնում նրանց ետևից։
Ճանապարհին, երկու, թե երեք անգամ Արամն ընկավ ջրափոսերի մեջ։ Գագիկի ոտքերն արդեն չլմփում էին ինչ-որ անցքից կոշիկները լցված ցեխաջրի մեջ, բայց նրանք նույնիսկ չէին նկատում, կամ նկատում և բանի տեղ չէին դնում։ Հասմիկը, որ նրանցից արդեն ետ էր մնացել մոտ քառասուն֊հիսուն քայլ, մի քանի անգամ փորձեց տղաներին զգուշացնել անընդհատ ավելացող ցեխաջրի մասին։ Բայց նրա կանչերը ոչ մեկը հաշվի չառավ՝ ոչ Արամը, ոչ Գագիկը։ Հասմիկը մտածեց, որ տղաները իրեն չեն լսել, որոշեց ավելի արագ վազել, որպեսզի հասնի, զգուշացնի նրանց։ Բայց նոր էր քայլերն արագացրել, երբ ցեխաջրի մեջ կոշիկը պոկվեց ոտքից՝ դուրս պրծավ։ Նա կռացավ, վերցրեց ցեխի մեջ թաղված կոշիկը, մի ոտքի վրա ոստոստելով դուրս եկավ ավելի չոր տեղ, մաքրեց ներբանին կպած ցեխը, հագավ և ցանկանում էր նորից վազել, երբ լսեց Արամի աղիողորմ ճիչը.
— Օգնեցեք։
«Նոր ա՞նցք»— հազիվ հասցրեց մտածել Հասմիկը։
Լսվեց Գագիկի ճիչը.
— Օգնեցե՜ք... Հասմի՜կ։
Հասմիկը քամու պես սլացավ ձայների կողմը։
Գագիկին ու Արամին նա տեսավ միաժամանակ՝ փոքրիկ բացատի եզրից մի քանի քայլ հեռավորության վրա։ Երկուսն էլ փորձում էին քայլել դեպի ծառերը, դուրս գալ բացատից և չէին կարողանում։ Աներևույթ մի ուժ գերհզոր մագնիսի պես կպել էր նրանց ոտքերից ու թույլ չէր տալիս հեռանալ։
Հասմիկի երևալուն պես, Գագիկը ձայնեց.
— Չմոտենաս, ճահիճ է։ Օգնիր։
— Օգնիր,— արձագանքեց Արամը։
Հասմիկը անզոր ծառս եղավ, պտտվեց տեղում և չկարողացավ զսպել հեկեկոցը։ Տղաները երկուսն էլ ճահճի մեջ թաղվել էին մինչև գոտկատեղերը։ Փորձում էին դուրս պրծնել, ազատվել ճահճի որոգայթից, բայց այդ նպատակով արված յուրաքանչյուր շարժում նրանց ավելի ու ավելի խորն էր տեղավորում փթած ծառերով ու հոտած ջրով հագեցած տիղմի մեջ։
«Ճահիճ»։ Բառը շամփրեց Հասմիկի ուղեղը։ Շիկացած երկաթի պես խառնշտեց նրա ներսը և այլևս դուրս չեկավ։ Հասմիկը հասկացավ, որ ինքն անկարող է որևէ բան անել, բացի անզոր հեկեկալուց և մեկ էլ խեղդվողների պես աղաղակելուց.
— Օգնեցե՛ք։
Տիղմն արդեն անցել էր տղաների գոտկատեղերից և Հասմիկի մշուշված աչքերի առջևով շարունակում էր բարձրանալ դանդաղ, բայց վճռական, իր զոհերին մինչև վերջ կուլ տալու անողոք մտադրությամբ։
«Վերջ։ Վերջ։ Վերջ»— աղմկեց Համմիկի գլխում։
Նայեց Գագիկին։ Հիշեց.
«Չմոտենաս, ճահիճ է»։
Նայեց Արամին։ Հիշեց.
«Եվ անպայման Գագիկի հետ՝ երկուսով»։
Վախեցավ նայել, վախեցավ հիշել։ Ընկավ գետին, սկսեց հեկեկալ խելագարի պես։
Անտառում, հանգիստ ու անտարբեր երգում էին թռչունները, սոսափում ծառերը։ Եվ այդ աղմկոտ լռության մեջ անընդհատ լսվում էին Արամի, Գագիկի ու Հասմիկը հետզհետե թուլացող ճիչերը.
— Օգնեցե՜ք...
=== Գլուխ ութերորդ ===
Սարգիսն անակնկալի եկած քարացավ տեղում։
Կարենը, որ գալիս էր անմիջապես նրա ետևից, խորամանկ ժպտաց և հավասարվելուն պես ամբողջ ուժով գոռաց.
— Ուշքի արի, այ տղա...
— Լսիր,— առանց նրա գոռոցին ուշադրություն դարձնելու, խորհրդավոր ձայնով ասաց Սարգիսն ու մատը մեկնեց գետի ուղղությամբ։
Կարենը նայեց։ Հաստաբուն ծառերի երկար, ձիգ սյուներն էին, ուրիշ ոչինչ։ Սարգիսն անհամբերությամբ հետևում էր նրան՝ սպասում էր պատասախանի։ Կարենը հասկացավ այդ, դեմքին մտազբաղ արտահայտություն տվեց և խորհրդավոր ձայնով ձգեց.
— Ըմ՜մմ,— հետո շրջվեց Սարգսի կողմը, բռնեց ձեռքն ու ամուր թափահարելով իրար ետևից կրկնեց,— շնորհավոբում եմ, շնորհավորում եմ, շնորհավորում եմ...
Սարգիսը շփոթվեց.
— Ի՞նչն ես շնորհավորում։
— Գտածդ Ամերիկան,— ասաց Կարենն ու գոռաց,— ժողովուրդ, Սարգիսը նոր Ամերիկա է հայտնաբերել, հենց այստեղ անտառում։ Եկեք, շնորհավորենք...
— Հիմար, չաչանակ,— զայրացավ Սարգիսն ու վազեց դեպի ընկեր Գեղամը, որը Հայկի ու Գոհարի հետ գնում էր շարքի առջևից և արդեն բավական հեռացել էր։
Կարենը, նույն տեղում կանգնած շարունակում էր Սարգսի զայրույթի պատճառով սկսած լիաթոք ծիծաղը, միաժամանակ փորձելով Աշոտին և «Ցախլեղտակ գումարած 4֊ի «Բ» Արեգ»֊ին բացատրել, թե Սարգիսն ի՞նչ մեծ գյուտ է արել։ Շրջապատողներն, իհարկե, նրա կիսատ-պռատ կատակներից ոչինչ չհասկացան և մի ոտքից մյուսին հենվելով, սպասում էին ծիծաղի նոպան վերջանա։
Այդ ընթացքում Սարգիսն արդեն հասել էր ընկեր Գեղամին, Գոհարին և Հայկին ու արագ վազքից շնչարգել լինելով ասում էր.
— Ըն֊կեր Գե-ղամ, գ֊գետի այն ափ֊փից,— նա ձեռքը մեկնեց ջրից այն կողմ տարածված կանաչ զանգվածին,— ձայ-ներ էին լըս֊վում։
— Ի՞նչ ձայներ,— հարցրեց Հայկը։
— Չը-գիտեմ, ձայ-յներ,— Սարգիսը դեռ չէր հասցրել շունչը տեղը բերել,— օգ-գնություն էին գոռ-ռում։
— Օգնությո՞ւն,— Գեղամը միանգամից զգաստացավ, լարվեց՝ ձգված ռետինի պես,— դու լա՞վ լսեցիր։
Սարգիսը գլխով արեց.
— Ըհը։
— Ո՞վ կարող է լինել,— Գոհարը նայեց խոսակիցներին։
Ավագ ջոկատավարը չարձագանքեց։ Հայկն ուսերը թոթվեց, իսկ Սարգիսը նորից խլվլաց տեղում.
— Այ, լսեք։ Լսեք։
Չորսն էլ լարեցին լսողությունները։
Նարգիսը չէր սխալվել։ Գետի այն ափից՝ հաստաբուն ծառերով պատնեշված տարածության խորքից պարզ լսվում էին աղիողորմ ճիչերը.
— Օգնեցե՜ք։
— Օգնեցե՜ք։
— Օգնեցե՜ք։
Գեղամը նետվեց դեպի գետը։ Սարգիսը, Հայկն ու Գոհարը հետևեցին նրան։ Մի կերպ պահպանելով հավասարակշռությունը չորսն էլ զառիթափով սահեցին ներքև՝ ուղիղ ջրի մեջ։ Սարգիսն շտապելուց մոռացավ նույնիսկ կոշիկները հանել։ Բավական տեղ ջուրը ծնկներից չէր անցնում՝ կարելի էր քայլել։ Հետո խորությունը միանգամից մեծացավ, անցավ գոտկատեղից։ Քայլելը դժվարացավ։ Գեղամը խորհուրդ տվեց մնացած տարածությունն անցնել լողալով։
— Ով լողալ չգիտե, թող մնա,— առանց շրջվելու հրամայեց նա։
Բոլորն էլ գիտեին։ Ոչ ոք ետ չդարձավ։
Խումբն արդեն մոտենում էր հանդիպակաց ափին, երբ Կարենն ու շուրջը հավաքվածները նկատեցին նրանց։ Խոսակցությամբ տարված, նրանք անտեղյակ էին քիչ այն կողմ ծավալվող գործողություններից։
— Իյա,— զարմացավ Աշոտը,— սա՞ ինչ բան է։
— Մեծ նավարկությունն է,— ծիծաղեց Կարենը,— Ամերիկան առանց լողանալ չես հայտնագործի։ Վիկինգներն էլ են այդպես հայտնագործել, Կոլումբոսն էլ, Ամերիկո Վեսպուչին էլ։ Սարգիսը որի՞ց է ավել, որ առանց լողանալ Ամերիկա հայտնա գործի,— Կարենը մտադիր էր դեռ երկար շարունակել, բայց լողացողների մեջ տեսավ ջոկատավարին ու քամու պես սլացավ դեպի գետը։
Այդ մասում գետն ավելի հանդարտ էր, այնպես որ Կարենն ու Աշոտը ափ դուրս եկան առաջին խմբի հետ համարյա միաժամանակ։ Մարդկանցից առաջ ափ թռավ Սարգսի Սևուկը, որի ջուրը մտնելը ոչ ոք չէր տեսել։ Շունը թափ տվեց բրդոտ մարմինն ու առանց շունչ քաշելու վազեց դեպի ծառերը։ Նա արդեն անհետացել էր ծառերի ետևում, երբ ափ դուրս եկան մնացածները։ Կարենը, որ միշտ էլ աչքի էր ընկել իր արագաշարժությամբ՝ անցավ առաջ։ Կարենից հետո Գեղամն էր, Գոհարը, Հայկը, Աշոտը, իսկ ամենավերջում՝ Սարգիսը, Ցախլեղտակ եռյակի և Արեգի հետ։
Անտառում ձայները լսվում էին ավելի պարզ ու հստակ և ավելի աղիողորմ ու անօգնական։ Այլևս ոչ մի կասկած.
— Մերոնք են,— առանց ընթացքը դանդաղեցնելու գոռաց Կարենը,— Արամենք են։
— Շտապեք,— գոռաց Գեղամը։
Վազողները լարեցին վերջին ուժերը։
__* * *__
Գագիկը ճահճի մեջ էր խրվել մինչև կոկորդը։ Արամն էլ նույն դրության մեջ էր։
Էլի մի քանի րոպե, և երկուսն էլ կանհետանային գորշագույն տիղմի մածուցիկ թանձրության մեջ։
Հասմիկն այլևս ոչինչ չէր զգում, ոչինչ չէր հասկանում։ Միայն երբեմն-երբեմն հևում էր.
— ՕգնոԼթյո ւն։
Հետևում ոտնաձայներ լսվեցին, խոսակցություններ, ավելի ճիշտ՝ հատուկենտ բառեր, նույնիսկ շան հաչոց. Հասմիկը չհասկացավ։ Նրա ուղեղն ասես պատվել էր զրահապատ շերտով և անրնդունակ դարձել որևէ բան զգալու, հասկանալու համար։
— Օգնությո՜ւն...
Կարենը, որ առաջինն էր դուրս եկել բացատ՝ սարսափից քարացավ։ Բայց միաժամանակ կարողացավ ինքն իրեն տիրապետել այնքան, որ լսեց ետևից եկող Գեղամի ոտնաձայներն ու գռռաց.
— Զգույշ, ճահիճ է,— նա ինքն էլ հազիվ էր պահել իրեն, ամբողջ թափով ճահճի մեջ չթաղվելու համար։
Գեղամը նույնպես սարսափեց՝ Կարենից ոչ պակասհ հասկացավ, որ այստեղ բախտորոշ է յուրաքանչյուր վայրկյանը և իր մեջ գտավ ուժ վայրկյանական որոշում կայացնելու համար։ Նկատեց թե, բնով թխկին, որ կռացել, ասես ծունկ էր չոքել ճահճի առաջ, ու Կարենին հրեց դեպի ծառը.
— Բարձրացիր, արագ։
— Օգնեցեք,— վերջին ուժերը հավաքելով, նվաղած ձայնով խնդրեց Գագիկը։
— Հիմա, Գագիկ ջան, հիմա,— հուսադրեց ջոկատավարը,— միայն թե չշարժվես,— ասաց նա ու մոտեցավ երկու քայլ այն կողմ կանգնած կաղնուն, միաժամանակ չմոռանալով արդեն ծառի կեսը հասած Կարենին հրամայել, որ իր հետ պարան վերցնի։
Կարենը հիշեց, որ պարանը մնացել է Աշոտի մոտ, առավոտյան ճանապարհվելուց առաջ ինքն էր փաթաթել Աշոտի մեջքը։
— Աշոտ, պարանը, շուտ։
Իսկ Աշոտն արդեն պարանը մեկնել էր նրան։
— Նետիր, նետիր Գագիկին։
Առանց Գեղամի զգուշացման էլ Կարենը գիտեր, թե ինչ է անելու պարանը։ Նա տեսնում էր, որ ուսուցիչը երկու ձեռքով կախվել է կաղնու ամենաերկար ճյուղից՝ իր ծանրությամբ փորձելով պոկել այն և հասկացել էր, որ Գագիկը պետք է բռնի պարանի ծայրը, որպեսզի ձգեն ու հասցնեն չոր գետնին։ Ամեն ինչ լավ է մտածված։ Դժբախտությունն այն էր, որ պարանը Գագիկին չէր հասնում։ Ճահճաջուրն արդեն լցվում էր տղայի բերանը։ Արամի վիճակն ավելի լավ էր, նա դեռ կարող էր էլի մի քիչ սպասել։ Կարենը սողաց դեպի ճյուղի ծայրը։ Տղայի ծանրության տակ ճյուղը ճկվեց, կախվեց ճահճի վրա։ Սարսափելի էր։ Թվում էր, ուր-որ է նրանք երկուսով՝ ճյուղն ու Կարենր կպոկվեն ծառից, կընկնեն ճահիճը։ Վտանգն զգում էր նաև Կարենն ինքը, բայց դրա մասին մտածելու ժամանակ չկար՝ Գագիկը խեղդվում էր, նրան կործանումից բաժանողն ընդամենը վայրկյաններ էին։
— Շուտ, բարձրացեք ծառն ու ոտքերս բռնեք,— գռռաց Կարենը,— շուտ,— և քիչ էլ առաջացավ։
Հայկն ու Սարգիսը սկսեցին մագլցել, իսկ Կարենը նորից նետեց պարանը։ Չհասավ։ Պարանր չլմփաց տիղմի մեջ Գագիկից ընդամենր մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Եթե Գագիկը չվախենար ու կարողանար շարժել ձեռքերը՝ պարանի ծայրն անպայման կբռներ։ Բայց եթե չհասներ, ուրեմն՝ վերջ։ Ջուրն արդեն լցվում էր նրա բերանը և միայն ամբողջ ուժով ձգած վզի շնորհիվ էր, որ կարողանում էր դեռևս շուրթերը հեռու պահել կործանարար ցեխաջրից։
Կարենը մի ակնթարթ հայացքը հեռացրեց ճահճից, նայե՚ց ետ՝ Հայկն ու Սարգիսն արդեն կողքին էին։
— Պահեք,— ճչաց նա ու սողաց առաջ։
Ճյուղը ճրթճրթաց, բայց չկոտրվեց, դիմացավ։
Պարանն օձի պես գալարվեց Գագիկի աչքերի առաջ, քսվեց այտին ու ծեփվեց ցեխաջրի մեջ։
— Ձեռքդ մտցրու օղը։
— Շուտ։
— Մտցրու։
Գոռում էին բոլորը միաբերան։ Ծառի վրայից, ափից։ Նույնիսկ Հասմիկն արթնացել էր տարօրինակ թմրությունից։
Գագիկը հավաքեց փերշին ուժերը, փոքր ինչ ձգվեց ու թևը հագցրեց պարանի ծայրին գալարված օղի մեջ։ Փրկությունը կարծես թե մոտ էր։ Կարենր ձգեց պարանի մյուս ծայրը։ Ծանրությունն ավելացել էր՝ ճյուղը ճթճթաց։ «Հանկարծ չկոտրվի՞»— վախեցավ Կարենը և զարմանալիորեն ոչ իր համար։ Իր մասին հոգալն ասես մոռացել էր, ուշք ու միտքր Գագիկն էր։ Նա հասկացավ, որ պետք է ետ քաշվել։ Սողաց։ Պարանր ձգվեց, ցավեցրեց ձեռքը։ Շփումից ափն այրվեց, բայց հիմա դրա ժամանակը չէր։ «Կանցնի»։ Սարգիսն ու Հայկը, որ արդեն ազատվել էին նրա ոտքերը պահելու պարտականությունից, նույնպես կպան պարանից։ Գագիկն սկսեց բարձրանալ՝ սկզբում աննկատելիոր են դանդաղ, հետո՝ միանգամից. մինչև կուրծքը, մինչև գոտկատեղը։
— Լավ,— ձայնեց ջոկատավարը ու գործի դրեց կաղնու երկար ձողը, որ պոկ ել էր ծառից և ձեռքին բռնած պատրաստ սպասում էր։
Ճյուղի ծայրին կեռ կար, որն ակնթարթորեն կառաչեց պարանին ու սկսեց ձգել։ Հիմա արդեն Գագիկն սկսեց շարժվել դեպի ափ։
— Շուտ, շուտ,— ծառի վրայից անընդհատ շտապեցնում էր Կարենը։
Մինչև ափ մնացել էր երեք-չորս քայլ, երբ ընկեր Մեսրոպյանն այլևս չհամբերեց. փայտի ծայրը հանձնեց Աշոտին ու մտավ ճահիճ։ Ձգվեց դեպի Գագիկը, մոտեցրեց իրեն, գրկեց և օղակը հանելով տղայի թևից, նետեց վեր։
Գագիկը թուլացած ընկավ կանաչների վրա։
Ոչ ոք չշրջվեց նրա կողմը։ Ոչ ոք չմոտեցավ, նույնիսկ Հասմիկը։ Բոլորի ուշադրությունը հիմա արդեն կենտրոնացած էր Արամի վրա։
Ամեն ինչ նույնությամբ կրկնվեց էլի մեկ անգամ։
Արամի ափ դուրս գալը դիմավորեցին ծափահարություններով։
Բոլորն ասես նոր միայն հասկացան, թե ինչքան մեծ էր վայրկյաններ առաջվա փորձությունը։ Մեծ էր նաև ուրախությունը։
Արամի ու Գագիկի ցեխոտ այտերը ծածկվեցին համբյուրներով։
Մեկ֊երկու րոպե անց հավաքվածներն այնպես էին ցեխոտվել, որ մեծ դժվարությամբ կարելի էր որոշել, թե նրանցից որո՞նք են եղել ճահճից փրկվողները։
Հասմիկին հերթ հասավ ամենավերջինը։
Նա գրկախառնվեց Գագիկի հետ, լաց լինելով ու ծիծաղելով գլորվեցին խոտերի վրա։ Համբուրվեցին։ Հետո կանգնեցին ոտքի և Հասմիկն ինչքան ուժ ուներ ձգեց Գագիկի մազերը։ Ճչաց.
— Գագի՜կ։
— Հասմի՜կ։
— Ջաա՜աան,— քթի տակ ձգեց Կարենը։
Հասմիկն ասես դրան էր սպասում՝ պոկվեց Գագիկից ու նետվեց Արամի գիրկը.
— Արա՜մ։
Հետո արդեն գրկախառնվեցին երեքով միասին։ Համբուրում էին միմյանց և բացականչում անկապ-անկապ բառեր, նախադասություններ։
Կարենը, որ բոլորի հետ, երկու քայլ այն կողմ կանգնած հետևում էր նրանց, ինքն իրեն փնթփնթաց.
— Սատանան ասում է, գնա ու գլխի վրա քեզ գցիր ճահիճը։
Հակոբը հռհռաց։
Հետո նրան միացան մյուսները։
Ուրախ ծիծաղը բռնեց անտառը։
=== Վերջաբանի փոխարեն ===
«Բարև, Հասմիկ։
Նամակիս ուշացման միակ պատճառն այն է, որ ցանձկանում էի միանգամից հայտնել բոլոր արդյունքները։ Բայց պարզվեց, որ վերջնական արդյունքների համար հարկավոր են ամիսներ։ Իսկ դու, գիտեմ, այդքան համբերել չես կարող։
Դու գնացիր քարանձավից վերադառնալու հենց հաջորդ օրը։ Իսկ դրանից մի քանի ժամ անց, Երևանից գյուղ հասավ հնագետների առաջին խումբը։ Նրանց ընկեր Առնակն էր լուր ուղարկել հեռախոսով։ Առաջին խմբի ետևից եկավ երկրորդը, իսկ հետո երևացին երկրաբանները։ Թերթերից էլ եկան։ Հիմա պատկերացնո՞ւմ ես, թե այստեղ ինչ է կատարվում։ Ինձ, Արեգին, Արամին ու Ցախլեղտակենց ձեռքից ձեռք էին փախցնում։ Հարցեր, հարցեր, հարցեր... քեզանով էլ շատ հետաքրքրվեցինհ նկարդ էին ուզում թերթում տպելու համար։ Հետո գիտնականների հետ բարձրանանք սարերը։ Ապրում էինք վրանների տակ ու նրանց հետ շրջում քարանձավի՝ քեզ ծանոթ ու անծանոթ անցումներում։ Միայն թե հիմա արդեն առանց վախենալու էինք շրջում, չափից դուրս հանգիստ ու մի քիչ էլ հպարտ։ Խնդրում եմ ասածս մեծամտություն չհամարես։ Ախր այս ամբողջ պատմության պատճառը մենք էինք, չէ՞— ավելի ճիշտ՝ դու։ Լրիվ հնարավոր է, որ դու չընկնեիր այն խորհրդավոր փոսն ու ամեն փնչ շարունակեր մնալ գետն ի տակ, ինչպես մնացել էր մինչև հիմա՝ ո՞վ գիտե քանի հարյուր տարի կամ դար։
Իմիջի այլոց, այդ պատահականության մասին մի մեծ զրույց տեղի ունեցավ մեր ու հնաբանների արշավախմբի պետ րնկեր Սահակյանի միջև։ Նա ասում էր, որ ամեն ինչ լավ է, որովհետև լավ վերջացավ, բայց կարող էր նաև վատ վերջանալ. այսինքն մենք և Ցախլեղտակենք, կարող էինք կորչել կամ խեղդվել ճահճում, կամ մեռնել քաղցից, ծարավից։ Ասում էր, որ այդ բոլորի, այսինքն տխուր անակնկալների պատճառը պատահական ճանապարհորդությունն է։ «Այդպիսի ճանապարհորդությունների պետք է միշտ դուրս գալ,— ասում էր նա,— ձեր լեռներում ո՞վ գիտե դեռ էլի ինչքան գաղտնիքներ կան պահված, որ պետք է գտնեք դուք, միայն թե ոչ պատահական, այլ կազմակերպված՝ նախապես մշակված պլանով։ Ճանապարհորդության համար անհրաժեշտ իրերով, սննդամթերքի պաշարով»։
Ես լրիվ համաձայն եմ ընկեր Սահակյանի ասածներին։ Կարծում եմ դու էլ համաձայն կլինես։
Հիմա արդյունքների մասին։
Ասպետին արդեն հանել են տորֆի գերեզմանոցից։ Տեղավորել մի հատուկ հարմարանքի մեջ և մոտ օրերս կհասցնեն Երևան։ Խոսում են, որ այն դրվելու է ինչ֊որ թանգարանում։ Ընկեր Սահակյանն ասում էր, որ իր կարծիքով ասպետը մեր թվարկությունից առաջվա բան է և անչափ հետաքրքիր փաստ է պատմաբանների համար։ Ափսոս որ մի քիչ փչացել էր։ Տորֆի միջից իզուր էինք հանել, չպետք է ձեռք տայինք։
Տորֆը բանի պետք չեկավ։ Երկրաբանները հաշվարկ կատարեցին ու գտան, որ պաշարներր քիչ են։ Հանքահորերը չբացեցին, որովհետև ծախսը չէր հանի։ Մեծ հույսեր են կապել Ցախլեղտակենց գտած տաք լճի հետ։ Բայց առայժմ միայն հույսեր, որովհետև լճին մոտենալ դեռ չի հաջողվել։ Բանն այն է, որ քո գնալու երրորդ օրը թեթև երկրաշարժ եղավ։ Ձեզ մոտ՝ Երևանում, այն գուցե չզգացվեց, բայց լեռներում շատ բան փոխվեց և ամենակարևորը, որ երկրաշարժը փակեց հոտավետ խոռոչ տանող անցքը։ Մուտքից մի քանի քայլ հեռու հսկա սալաքարը եկել է, ո՞վ գիտե որտեղից, ու ցցվել ճանապարհի վրա։ Մտածեցինք, որ եռացող լճին կարելի է հասնել մյուս կողմից՝ Հակոբենց եկած ճանապարհով, բայց պարզվեց, որ ճանապարհը փակվել էր նաև այդ կողմում՝ նորից համարյա նույնանման մեկ ուրիշ քարով։ Գանձերը տեղում էին, քարե դուռն էլ բացվեց, ինչպես առաջին անգամ (հիշո՞ւմ ես, այդ դռան մասին նրանք մանրամասն պատմել էին)։ Քարե դռնից հետո սկսվում էր բացօթյա անձավը (այդ մասին նույնպես պատմել էին, ափսոս, որ չտեսար) և մի հիսուն֊վաթսուն մետր գնալուց հետո նորից մտնում էր լեռների ծածկի տակ ու հենց այստեղ էլ ճանապարհը փակված էր։ Գիտնականների կարծիքով այդ երկու սալաքարերն էլ երկրաշարժի արդյունք են։ Նրանք միաժամանակ պնդում են, որ երկրաշարժի հետ կապ ունի նաև խոռոչի բույրը, իսկ լիճը ասում են, կապ կարող է ունենալ, կարող է չունենալ։ Մի խոսքով, դրանք դեռ կպարզվեն։ Առայժմ գիտնականները զբաղված են սալաքարերը ճանապարհից հեռացնելու հոգսով։ Դժվար է, որովհետև չեն ուզում պայթեցնել։ Հա, չմոռանամ ասել, որ քարե դուռը մեր ետևից նույնպես փակվեց։ Բայց գիտնականներն անմիջապես բացեցին, դռան վերևի մասում ինչ֊որ պարզունակ հարմարանք կար դրված, որի շարժումով կարգավորվում էր բացվելն ու փակվելը։
Քարերի մեջ բուսած ուռենին ու գետի հունը նույնպես ուշադրությունից դուրս չմնացին։ Ասում են, որ եթե ջուր իսկապես լինի (համարյա համոզված են, որ կա) պոմպերով կհանեն ու այդ մասում ահագին տարածության վրա հողերը կդարձնեն ջրովի։
Գանձերը տեղափոխեցին Երևան։
Գումարը, ասում են, միլիոնների է հասնում։ Պատկերացնո՞ւմ ես։
Մեզ բոլորիս ներկայացրել են պարգևատրման։ Քեզ էլ չեն մոռացել։
Դե «Պիոներ կանչում» տպածի մասին չեմ գրում, կարդացած կլինես ու համոզված եմ, որ սխալն էլ նկատած. «Տասը օր գետնի տակ, միայն բնությամբ»։ Այնինչ գետնի տակ մենք անցկացրել ենք ընդամենը չորս օր, մնացածը եղել ենք անտառում։
Այսքանը մեր հայտնագործությունների մինչև օրս եղած արդյունքների մասին։
Երեք֊չորս օր առաջ, Արջաքարի մոտ (դա գյուղից հյուսիս ընկած անտառում է) տղաներր մի նոր քարանձավ էին հայտնաբերել։ Ամբողջ խմբով եղանք այնտեղ։ Պարզվեց, որ ուսումնասիրման արժանի գործ է։ Բայց մեր խոստումը չենք մոռացել առանց քեզ չենք գնա, դրա համար էլ հետաձգեցինք եկող տարվա ամառային արձակուրդին։
Հաջորդ նամակում կգրեմ հետագա արդյունքների մասին։
Բարևում են բոլորը, բացի Կարենից։ Նա չի ցանկանում իմ նամակով բավարարվել։ Ասում է դու ի՞նչ նամակ գրող ես, «ընկերուհի ջան»֊ին ես ինձ համար մարդավարի նամակ կգրեմ ու իմ բարևն էլ իմ ձեռքով կհայտնեմ։
Այնպես որ, գուցե իսկապես գրի։
Այսքանը։
Ցտեսություն։
Գագիկ։
20֊ը սեպտեմբերի 1974 թ.»։
Հ. Գ. Երբեք չեմ մոռանա այն օրերը, որ անցկացրինք միասին՝ քարանձավում և անտառում։