Changes

Գարնան տասնյոթ ակնթարթ

Ավելացվել է 106 210 բայտ, 10:38, 3 Օգոստոսի 2016
/* 18.2.1945 (Ժամը 11-ն անց 46 րոպե) */
(''Հիմմլեր'')
 
Հիմմլերը ելավ բազկաթոռից, մոտեցավ լուսամատին․ ձմեռային անտառն ապշեցուցիչ գեղեցիկ էր՝ ձյունի ողկույզները կայծկլտում էին լուսնի լույսի տակ, լռություն էր պատել աշխարհին։
 
Հիմմլերը հանկարծ հիշեց, թե ինչպես ինքը սկսեց օպերացիան ֆյուրերի ամենամոտ մարդու՝ Հեսսի դեմ։ Ճիշտ է, ինչ֊որ մի պահ Հիմմլերի կյանքն այն ժամանակ մազից էր կախված. Հիտլերը հակադիր որոշումների մարդ էր։ Իր մարդկանցից Հիմմլերը մի կինոժապավեն ստացավ, որի վրա պատկերված էր Հեսսը զուգարանում, օնանիզմով զբաղվելիս։ Ժապավենն առած, Հիմմլերն անհապաղ գնաց Հիտլերի մոտ ու ցույց տվեց դա էկրանի վրա։ Ֆյուրերը կատաղեց։ Գիշեր էր, բայց նա հրամայեց իր մոտ կանչել Գյորինգին և Գեբբելսին, իսկ Հեսսին հրավիրել ընդունարան։ Ամենից առաջ Գյորինգը եկավ, շատ գունատված։ Հիմմլերը գիտեր, թե ինչու է այդպես վախեցած ռայխսմարշալը՝ բուռն սիրավեպ ուներ վիենացի մի պարուհու հետ։ Հիտլերը խնդրեց իր ընկերներին նայել «Հեսսի այդ նողկալիությունը»։ Գյորինգը հոհռաց։ Հիտլերը բղավեց նրա վրա. «Չի կարելի անսիրտ լինել»։ Նա Հեսսին առանձնասենյակ հրավիրեց, վազելով մոտեցավ նրան ու բղավեց.
 
— Կեղտոտ, հոտած սրիկա։ Օնանիզմով ես զբաղվում։
 
Ե՛վ Հիմմլերը, և՛ Գյորինգը, և՛ Գեբբելսը հասկանում էին, որ իրենք ներկա են հսկայի կործանմանը՝ Հեսսը կուսակցության երկրորդ մարդն էր։
 
— Այո՛,— բոլորի համար անսպասելիորեն հանգիստ պատասխանեց Հեսսը։— Այո՛, իմ ֆյուրեր։ Ես չեմ թարքցնի դա։ Ինչու եմ այդպես անում։ Ինչու չեմ քնում դերասանուհիների հետ։— Նա չնայեց Գեբբելսին, բայց սա ընկղմվեց բազկաթոռի մեջ (հասունանում էր նրա սիրուհու՝ չեխ դերասանուհի Բաարովայի հետ կապված սկանդալը)։— Ինչու մի գիշերով Վիեննա չեմ գնում բալետի ներկայացման։ Որովհետև ապրում եմ լոկ մի՛ բանով՝ կուսակցությա՛մբ։ Իսկ կուսակցությունը և դու՝ Ադոլֆ, միևնույն բանն եք ինձ համար։ Ես անձնական կյանքի ժամանակ չունեմ։ Ես մենակ եմ ապրում։
 
Հիտլերը, կակղեց, մոտեցավ Հեսսին, անվարժ գրկեց նրան, շոյեց ծոծրակը։ Հեսսը շահեց մարտը։ Հիմմլերը կծկվեց, նա գիտեր, որ Հեսսը կարողանում է վրեժ լուծել։ Երբ Հեսսը գնաց, Հիտլերն ասաց.
 
— Հիմմլեր, նրա համար մի կին ընտրեք։ Ես հասկանում եմ այդ սքանչելի և շարժմանը հավատարիմ մարդուն։ Ինձ ցույց տվեք թեկնածուների լուսանկարները՝ նա իմ երաշխավորությունը կընդունի։
 
Հիմմլերը հասկացավ, հիմա ամեն բան կարող է վճռել ակնթարթը։ Սպասելով, մինչև Գյորինգն ու Գեբբելսը տուն գնացին, նա ասաց.
 
— Իմ ֆյուրեր, նացիոնալ-սոցիալիզմի համար դուք հավատարիմ մի մարտիկի փրկեցիք։ Մենք բոլորս գնահատում ենք Հեսսի անձնվիրությունը։ Ոչ ոք չէր կարող այդպես իմաստուն որոշել նրա ճակատագիրը։ Դրա համար էլ թույլ տվեք հենց հիմա, անհապաղ, ևս մի քանի նյութեր բերել ձեզ։ Ձեր զինվորներին պետք է օգնել այնպես, ինչպես դուք օգնեցիք Հեսսին։
 
Եվ նա հիտլերին բերեց աշխատանքային ճակատի առաջնորդ Լեյի վրա եղած դոսյեն։ Սա ալկոհոլիկ էր, նրա հարբած վիճակում սարքած սկանդալները ոչ ոքի համար գաղտնիք չէին, բացի Հիտլերից։ Հիմմլերը ներկայացրեց նաև Գեբբելսի՝ «բաբելոբերգյան ցլիկի» վրա եղած դոսյեն. սրա խենթ կապերը ամենևին էլ ոչ զտարյուն կանանց հետ շփոթեցնում էին իսկական նացիոնալ֊սոցիալիստներին։ Այդ գիշեր Հիտլերի սեղանին դրվեցին նաև Բորմանին վարկաբեկող նյութեր։
 
— Ո՛չ, ո՛չ,— Բորմանին պաշտպան կանգնեց Հիտլերը,— նա շատ երեխաներ ունի։ Դա բամբասանք է։
 
Հիմմլերը չսկսեց Հիտլերին հակառակը համոզել, բայց նկատեց, թե ֆյուրերն ինչպիսի հետաքրքրասիրությամբ է թերթում նյութերը, ինչպես է մի քանի անգամ կարդում գործակալների հաղորդագրությունները, և Հիմմլերը հասկացավ, որ ֆյուրերին, շահել է վերջնականապես։
 
Հիմմլերի, որպես ՍՍ-ի առաջնորդի տասնամյա հոբելյանը Հիտլերը հրամայեց նշել ամբողջ Գերմանիայում։ Այդ օրվանից բոլոր հաուլայտերները՝ գավառների կուսակցական առաջնորդները, հասկացան, որ Հիտլերից հետո միակ մարդը Հիմմլերն է, որ լիակատար իշխանություն ունի։ Կուսակցության տեղական բոլոր կազմակերպություններն սկսեցին հիմնական ինֆորմացիան երկու հասցեով ուղարկել՝ և՛ կուսակցության շտաբ՝ Հեսսին, և՛ Հիմմլերի գրասենյակ։ Հատկապես վստահելի գործակալների խմբից ստացվող նյութերը չէին անցնում բաժիններով, այլ իսկույն տեղ էին գտնում նրա անձնական զրահապատ արխիվներում․ դրանք կուսակցության առաջնորդներին վարկաբեկող տվյալներ էին։ Իսկ 1942 թվականին Հիմմլերն իր չհրկիզվող պահարանը դրեց ֆյուրերին վարկաբեկող առաջին նյութերը։
 
Քառասուներեք թվականին, Ստալինգրադից հետո, այդ փաստաթղթերը նա համարձակվեց ցույց տալ իր մերձավորագույն ընկերներից մեկին՝ դոկտոր Քերստենին՝ ռայխի լավագույն բժշկին ու մասաժիստին։ Այն ժամանակ նա փակեց դուռը և պահարանից հանեց ֆյուրերի հիվանդության թերթիկի պատճենը։ Անսպասելիությունից Քերստենն ընկավ բազմոցին՝ բժշկական գործից ամենայն որոշակիությամբ պարզ էր դառնում՝ ֆյուրերը ծանրագույն սիֆիլիս է ունեցել։
 
Թերթելով բոլոր յոթանասուն էջերը, Քերստենը ցածրաձայն ասաց.
 
— Նա առաջին ստադիայի զարգացող կաթված ունի... նա արդեն հոգեպես աննորմալ է...
 
— Գուցե դուք կհամաձայնե՞ք նրան բուժել,— հարցրեց Հիմմլերը։
 
— Ֆյուրերը չափազանց վտանգավոր հիվանդ է, բժիշկներին փոխելու համար։ Ով նրա վախճանը կամենա, նա էլ կփոխի բժիշկներին...
 
Հենց այղ ժամանակ էլ Հիմմլերը լուռ համաձայնություն տվեց իր քաղաքական հետախուզությսւն պետ, ՍՍ֊ի բրիգադենֆյուրեր Վալտեր Շելլենբերգին տնտղել արևմտյան դաշնակիցներին՝ ինչ չափով են նրանք պատրաստ պատվավոր խաղաղություն կնքել Գերմանիայի հետ։ Նա հետևում էր, թե գեներալական օպոզիցիայի դավադիրներն ինչպես են վարում խաղը Ալեն Դալլեսի՝ Բեռնում ամերիկյան հետախուզության ներկայացուցչի հետ։ Նա հատկապես երկար կանգ առավ դավադիրներից մեկի հաղորդագրության վրա. «Արևմուտքի ներկայացուցիչները բարեհաճորեն տրամադրվեցին բանակցությունների և ռայխի հետ խաղաղությանը, բոլշևիզմի վախից դրդված, բայց երկյուղ են կրում ֆյուրերի անկայուն հանճարի կապակցությամբ և նրան վստահության անարժան գործակից են համարում բանակցելու համար։ Նրանք փնտրում են մի փոքր խումբ մտավորական, զգաստ և վստահության արժանի անձանց, այնպիսին, ինչպիսին ՍՍ-ի ռայխսֆյուրերն է...»
 
«Ես վախկոտի մեկն էի,— շարունակում էր մտածել Հիմմլերը, առաջվա պևս ականջ դնելով սոճու անտառի լռությանը,— քառասունչորս թվականի հուլիսի քսանին, Հիտլերի վրա մահափորձից հինգ ժամ անց կարող էի Գերմանիայի ֆյուրերը դառնալ։ Ես հնարավորություն ունեի ամեն ինչ ձեռքս վերցնել Բեռլինում, քանի դեռ խուճապ ու քաոս էր տիրում։ Հնարավորություն ունեի Հերդլերին ոչ թե բանտ նետել, այլ Բեռն ուղարկել, Դալլեսի մոտ, խաղաղության առաջարկությամբ։ Ֆյուրերին, Գեբբելսին և Բորմանին գնդակահարել, ինչպես այն ժամանակ, երեսունչորս թվականին Շտրասսերին։ Թող նրանք նույնպես դեսուդեն ընկնեին սենյակում, փռվեին հատակին, աղերսեին խնայել... Թեև ոչ... Հիտլերը երբեք չէր աղերսի: Իմիջիայլոց, Գեբբելսը՝ նույնպես։ Կաղաչեր, կպաղատեր Բորմանը, նա շատ է սիրում կյանքը և ծայրաստիճան զգաստ է նայում աշխարհին... Իսկ ես փոքրոգություն ցուցաբերեցի, հիշեցի ֆյուրերի կողքին անցկացրած իմ լավագույն օրերը, ես լաթի մեկն էի... ինձ հույզերը հաղթեցին...»։
 
Հիմմլերն այն ժամանակ աշխատեց հուլիսյան այդ պարտությունից գերագույն օգուտ քաղել անձամբ իր համար։ Բեռլինում խռովությունը ճնշեց Գեբբելսը, իսկ Հիմմլերը նրանից խլեց հաղթանակը։ Նա գիտեր ինչին խփել։ Ֆանատիկոս Գեբբելսը կարող էր տալ իր հաղթանակը, սոսկ խլացած կուսակցական դարձվածաբանությամբ՝ իր իսկ ծնած, դրա համար էլ այդչափ սուր զգացողությամբ իր իսկ կողմից ընկալվող։ Հիմմլերը բացատրեց Գեբբելսին ՍՍ֊ի և գեստապոյի դերի անհապաղ փառաբանման անհրաժեշտությունը խռովության ճնշման գործում։ «Մենք պետք է ժողովրդին բացատրենք,— ասում էր նա Գեբբելսին,― որ ուրիշ ոչ մի պետություն չէր կարող այդպես վճռականորեն վնասազերծել վարձու մարդասպանների բանդան, բացի մերից, որն ունի ՍՍ-ի հերոսներ»։
 
Մամուլում և ռադիոյով ծավալվեց կամպանիա, նվիրված «ՍՍ֊ի սխրագործությանը»։ Այն ժամանակ Հիտլերը հատկապես բարի էր Հիմմլերի նկատմամբ։ Եվ ինչ֊որ մի ժամանակ Հիմմլերին թվաց, թե զլխավոր պարտությունը հաղթանակի է վերածվում, հատկապես նոյեմբերի իննի օրը, երբ ֆյուրերը, ռայխի պատմության մեջ առաջին անգամ հանձնարարեց նրան, հենց նրան՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրերին, իր փոխարեն տոնական ճառ ասել Մյունխենում։
 
Նա հիմա էլ էր հիշում՝ սրությամբ, փոքր֊ինչ սարսափով, այն դյութիչ զգացումը, երբ բարձրացավ ֆյուրերի տրիբունին, իսկ կողքը, բայց ներքևում, այնտեդ, ուր ֆյուրերի ժամանակ միշտ ինքն էր կանգնում, խմբվել էին Գեբբրելսը, Գյորինգը, Ռիբբենտրոպը, Լեյը։ Եվ նրանք ծափահարում էին իրեն, և իր նշանով էին առաջ պարզում ձեռքը կուսակցական ողջույնի համար, և կռահելով դադարները, օվացիա էին սկսում, որն անմիջապես անցնում էր ամբողջ դահլիճին։ Թո՛ղ որ ատում էին իրեն, այդ մեծ դերին անարժան համարում, թո՛ղ։ Բայց նացիոնալ-սոցիալիզմի էտիկան պարտավորեցնում էր նրանց այստեղ հավաքված երկու հազար հաուլայտերների աչքի առջև կուսակցության բարձրագույն հարգանքը նրան, հենց նրան՝ Հիմմլերին մատուցել։
 
Բորմանը․․․ Ախ, ինքն ինչպե՛ս է ատում Բորմանին։ Հենց Բորմանն էր, որ անհանգստացած Հիմմլերի նմանօրինակ թռիչքով, կարողացավ հաղթել նրան։ Բորմանը ճանաչում էր Հիտլերին, ինչպես ոչ ոք, գիտեր, որ եթե ֆյուրերը սիրում է մեկին ու հավատում նրան, ապա այդ մարդու մասին որևէ վատ բան ասել չի կարելի։ Դրա համար էլ Բորմանն ասաց ֆյուրերին,
 
— Բանակի վրա եղած մեր հույսերը բավական կասկածելի են։ Ազգի համար մեծ երջանկություն է, որ ՍՍ֊ի դիվիզիաներ ունենք՝ կուսակցության և նացիոնալ֊սոցիալիզմի հույսը։ Միայն ՍՍ-ի առաջնորդը, իմ բարեկամ Հիմմլերը կարող է իր վրա վերցնել Արևելյան ռազմաճակատի հրամանատարությունը։ Միայն նրա ղեկավարությամբ ՍՍ֊ը և նրան ենթարկվող բանակները կարող են շպրտել ռուսներին ու ջախջախել նրանց։
 
Հիմմլերը ֆյուրերի ռազմակայան թռավ-եկավ հաջորդ օրը։ Նա հետը մի հրամանագիր էր բերել այն մասին, որ Գերմանիայի բոլոր հաուլայտերներն այժմ պետք է զուգահեռ ենթարկության անցնեն նաև իրեն՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրերին։ Նա մահացու հարված էր պատրաստել Բորմանի համար։ Եվ անգամ մի քիչ զարմացավ այն թեթևությունից, որով ֆյուրերը հաստատեց այդ որոշումը։ Նա ամեն ինչ հասկացավ միայն մեկ րոպե անց, երբ ֆյուրերը ստորագրհց թուղթը։
 
— Ես շնորհավորում եմ ձեզ, Հիմմլեր։ Նշանակված եք «Վիսլա» բանակախմբի գլխավոր հրամանատար։ Ձեզնից բացի ոչ ոք չի կարող ջախջախել բոլշևիկյան հրոսակախմբերը։ Դուք և ձեզնից բացի ոչ ոք չի կարող չոքել Ստալինի կոկորդին և նրան թելադրել խաղաղության իմ պայմանները։
 
Դա կործանում էր։ 1945 թվականի հունվարն էր, հաղթանակի ոչ մի հույս չկար։ Գրողի ծոցը կորչեն այդ սանտիմենտալ պատրանքները։ Ելքը մեկն էր՝ անհապաղ հաշտություն Արևմուտքի հետ և համատեղ պայքար բոլշևիկյան հրոսակախմբերի դեմ։
 
Հիմմլերը շնորհակալություն հայտնեց ֆյուրերին, նման բարձր ու պատվավոր նշանակման համար և գնաց իր ռազմակայան։ Հետո նա եղավ Գյորինգի մոտ՝ խոսակցություն չստացվեց։
 
Եվ ահա ինքն արթնացել է ու չի կարողանում քնել, և լսում է սոճու անտառի լռությունը, և վախենում է զանգահարել դստերն, ում ինքը լքել է, որովհետև այդ մասին կարող է իմանալ Բորմանը, և վախենում է զանգահարել տղաներին և նրանց մորը, ում սիրում է, որովհետև վախենում է սկանդալից՝ ֆյուրերը չի ներում, ինչպես ինքն է ասում, «բարոյական անմաքրությունը»։ Նզովյալ սիֆիլիտիկ․․․ Բարոյական անմաքրությո՜ւն... Հիմմլերն ատելությամբ նայեց հեռախոսի ապարատին, մեքենան, որ ինքն ստեղծում էր տասնութ տարի շարունակ, այժմ աշխատում էր իր դեմ։
 
«Վե՛րջ,— ասաց ինքն իրեն,— վե՛րջ։ Եթե ինքս ինձ համար պայքար չսկսեմ հիմա, առանց սպասելու, կորած եմ»։
 
Գործակալական ամփոփագրերից Հիմմլերը կարող էր ենթադրել, որ Իտալիայում զորախմբերի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Կեսսելրինգը չի առարկի Արևմուտքի հետ տարվող բանակցությունների դեմ։ Այդ մասին գիտեին միայն Շելլենբերգն ու Հիմմլերը։ Այդ մասին հայտնած երկու գործակալները ոչնչացված էին՝ նրանց համար օդային աղետ էին սարքել, երբ սրանք վերադառնում էին Կեսսելրինգի մոտ։ Իտալիայից ուղիղ ճանապարհով Շվեյցարիան է։ Իսկ Շվեյցարիայում նստած է Եվրոպայում ամերիկյան հետախուզային ծառայության գլուխը՝ Ալեն Դալլեսը։ Դա արդեն լուրջ գործ է։ Դա լուրջ մարդկանց ուղղակի կոնտակտ է, առավել ևս, որ Կեսսելրինգի բարեկամը՝ Իտալիայում ՍՍ-ի առաջնորդ Կառլ Վոլֆը Հիմմլերին հավատարիմ մարդ է։
 
Հիմմլերը վերցրեց խոսափողն ու ասաց.
 
— Խնդրեմ, շտապ այստեղ կանչեք գեներալ Կառլ Վոլֆին։
 
Կառլ Վոլֆը նրա անձնական շտաբի պետն էր։ Ինքը հավատում է նրան։ Վոլֆը Արևմուտքի հետ բանակցություններ կսկսի իր՝ Հիմմլերի անունից։
 
 
== Ուժերի տեղաբաշխում ==
 
Շտիրլիցը չէր էլ մտածում որևէ կոմբինացիա «սարքել» Շլագի հետ, երբ պաստորին բերեցին առաջին հարցաքննության, Շելլենբերգի հրամանն էր կատարում։ Նրա հետ երեք օր զրուցելով, հետաքրքրությամբ լցվեց այղ ծեր մարդու նկատմամբ, որն իրեն պահում էր զարմանալի արժանապատվությամբ ու մանկական միամտությամբ։
 
Զրուցելով պաստորի հետ, ծանոթանալով նրա վրա կազմված դոսյեին, Շտիրլիցն ավելի ու ավելի հաճախ էր մտածում, թե ապագայում պաստորն ինչպես կարող է օգտակար լինել իր գործին։
 
Համոզվելով, օր Շլագը ոչ միայն ատում է նացիզմը, ոչ միայն պատրաստ է օգնություն ցույց տալ գոյություն ունեցող ընդհատակին (իսկ այդ բանում նա ստույգ համոզվեց՝ լսելով նրա խոսակցությունը պրովոկատոր Կլաուսի հետ), Շտիրլիցն իր ապագա աշխատանքում դեր էր առանձնացնում նաև Շլագի համար։ Միայն թե իր համար դեռ չէր որոշել, թե ավելի նպատակահարմար ինչպես օգտագործել նրան։
 
Շտիրլիցը երբեք չէր գուշակում վաղօրոք, թե ինչպես կզարգանան դեպքերը՝ դրվագ առ դրվագ։ Հաճախ նա հիշում էր մի հատված։ Նա դա կարդացել էր գնացքում, երբ հատելով Եվրոպան, ուղևորվում էր Անկարա։ Հատվածը մեխվել էր հիշողության մեջ առհավետ։ Մի անգամ, գրում էին ճարտար գրականագետները, Պուշկինին հարցրել են, թե ինչ կլինի «սքանչելի Տատյանայի» հետ։ «Այդ մասին իրեն հարցրեք, ես չգիտեմ»,— գրգռված պատասխանել էր Պուշկինը։ Շտիրլիցը զրուցել էր մաթեմատիկոսների և ֆիզիկոսների հետ, հատկապես այն բանից հետո, երբ գեստապոն ձերբակալել էր ֆիզիկոս Ռունգեին, որն ատոմային պրոբլեմով էր զբաղվում։ Շտիրլիցը հետաքրքրվում էր՝ գիտության տեսաբաններն ի՛նչ չափով են վաղօրոք պլանավորում հայտնագործությունները։ «Դա անհնարին է, պատասխանում էին նրան։— Մենք լոկ որոշում ենք որոնման ուղղությունը, մնացած բոլորը փորձի ընթացքում է լինում»։
 
Հետախուզության մեջ ամեն ինչ ճիշտ նույնպես է։ Երբ օպերացիան ծրագրվում է խիստ ստույգ շրջանակներում, կարելի է ձախողում սպասել, վաղօրոք պայմանավորված թեկուզ և մեկ հանգույցի խախտումը կարող է իր հետ բերել գլխավորի խորտակումը։ Տեսնել հնարավորությունները, իրեն ուղղել այս կամ այն հանգուցային խնդրին, հատկապես, երբ ստիպված ես միայնակ աշխատել ահա այդպես, գտնում էր Շտիրլիցը, կարելի է հաջողության հասնել մեձ հավանականությամբ։
 
«Այսպիսով, Շլա՛գը,— ինքն իրեն ասաց Շտիրլիցը։— Զբաղվենք նրանով։ Այժմ Կլաուսի ոչնչացումից հետո, նա գործնականորեն առանց վերահսկողության իմ ենթակայության տակ է։ Շելլենբերգին զեկուցել եմ, որ էքս֊կանցլեր Բրյունինգի հետ պաստորի կապերը հաստատել չի հաջողվել, և նա, ելնելով ամեն ինչից, հետաքրքրությունը կորցրել է ծերունու նկատմամբ։ Դրա փոխարեն, Կենտրոնի հրամանից հետո, իմ հետտքրթրությունն է աճել»։
 
 
== 16.2 1945 (Ժամը 04֊ն անց 15 րոպե) ==
 
<blockquote>(''ՍՍ֊ի (ՌՍԽԱ-ի 4-րդ բաժանմունք) օբերշտուրմբանֆյուրեր, 1939 թվականից ՆՍԴԱՊ անդամ Այսմանի կուսակցական բնութագրից. «Իսկական արիացի է: Բնավորությունը՝ նորդականին մոտեցող, հաստատակամ։ Աշխատանքային ընկերների հետ լավ հարաբերություններ է պահպանում։ Անթերի կատարում է պաշտոնեական պարտքը։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Մարզիկ է, մրցանակներ ունի հրաձիգների մրցույթներից: Ընտանիքի հիանալի հայր է։ Իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Ունի ՍՍ-ի ռայխսֆյուրերի պարգևատրումներ...»'')</blockquote>
 
Օբերշտուրմբանֆյուրեր Այսմանին Մյուլլերը կանչեց ուշ գիշերով։ Կալտենբրունների կոնյակից հետո քնել էր և իրեն հանգստացած էր զգում։
 
«Իրոք, այդ կոնյակը մի հատուկ տեսակի է,— մտածում էր նա, վիզը շփելով աջ ձեռքի բթամատով ու ցուցամատով։— Մերից մարդու գլուխը պայթում է, իսկ սա կարգին թեթևացնում է։ Ծոծրակս տրաքում է ճնշումից, ուրիշ ոչինչ, դա սովորական բան է...»։
 
Այսմանը Մյուլլերին նայեց կարմրած աչքերով և ժպտաց զինաթափ անող, մանկական իր ժպիտով։
 
— Իմ գանգն էլ է կտոր֊կտոր լինում,— ասաց նա,— երազում եմ յոթ ժամ քնել, երկնքից թափվող մանանայի պես։ Երբեք չէի կարծում, որ անքնությամբ տանջելն ամենասարսափելի տանջանքն է։
 
— Մեր ոուս գործակալներից մեկը՝ նախկինում շատ կատաղի մի բանդիտ, ինձ պատմել է, որ ճամբարներում նրանք ինչ֊որ մի հետաքրքիր խմիչք են պատրաստել թեյից՝ «չեֆիր»։ Դա և՛ հարբեցնում է, և՛ թարմացնում։ Մենք էլ չփորձե՞նք։— Մյուլլերն անսպասելիորեն ծիծաղեց։— Մեկ է այդ խմիչքը ստիպված կլինենք խմել նրանց ճամբարներում, ուրեմն նախօրոք տեխնոլոգիան յուրացնելու ժամանակը չէ՞։
 
Մյուլլերը հավատում էր Այսմանին, դրա համար էլ նրա հետ կատակում էր չար և ազնիվ, այդպես էլ խոսում էր։
 
— Ինձ լսեք,— շարունակեց նա,— այստեղ մի անհասկանալի շիլաշփոթ է տիրում։ Այսօր ինձ կանչեց շեֆը։ Նրանք բոլորն էլ ֆանտազյորներ են, մեր այդ շեֆերը... Նրանցը երևակայությանը զոռ տալն է, կոնկրետ գործ չունեն, իսկ ղեկավար ցուցումներ տալ կարող է նույնիսկ շիմպանզեն կրկեսում... Հասկանում եք, նա մի մեծ ատամ է հանել Շտիրլիցի վրա...
 
— Ում վրա՞։
 
— Այո՛, այո՛, Շտիրլիցի։ Շելլենբերգի հետախուզությունում միակ մարդը, ում նկատմամբ ես համակրանք ունեի։ Պնակալեզ չի, հանգիստ տղամարդ է, առանց հիստերիկայի և ցուցադրական ջանասիրության։ Ես այնքան էլ չեմ հավատում նրանց, ովքեր պտտվում են ղեկավարության չորս կողմն ու անհարկի ելույթ ունենում մեր միտինգներում, իսկ նա սուսուփուս է։ Ես սուսուփուս մ արդկանց սիրում եմ... եթե ընկերդ նման մեկն է, ուրեմն ընկեր է։ Դե, իսկ եթե թշնամի է, ուրեմն թշնամի է։ Այդպիսի թշնամիներին ես հարգում եմ։ Նրանցից սովորելու բան շատ կա...
 
— Շտիրլիցին ութ տարի ճանաչում եմ,— ասաց Այսմանը,— ես նրա հետ Սմոլենսկի մատույցներում եմ եղել և տեսել եմ նրան ռումբերի աակ՝ նա քարից ու պողպատից է սարքված։
 
Մյուլլերը կնճռոտվեց։
 
— Այդ ի՞նչ փոխաբերություններով սկսեցինք։ Հոգնածությունի՞ց է։ Փոխաբերությունները թողեք մեր կուսակցության մեծերին։ Մենք՝ լրտեսներս, պիտի մտածենք գոյականներով ու բայերով. «նա հանդիպեց», «նա ասաց» , «նա հայտնեց»... Ի՞նչ է, անհնար ենք համարում, որ...
 
— Այո՛,— պատասխանեց Այսմանը։— Ես չեմ կարող հավատալ Շտիրլիցի անազնվությանը։
 
— Ես նույնպես։
 
— Հավանաբար, պետք է նրբորեն համոզել դրանում Կալտենբրուններին։
 
— Ինչո՞ւ,— դադարից հետո հարցրեց Մյուլլերը։— Իսկ եթե նա ուզում է, որ Շտիրլիցն անազնիվ լինի՞։ Ինչո՞ւ հակառակը համոզել նրան։ Վերջիվերջո, չէ օր Շտիրլիցը մերոնցից չէ, նա վեցերորդ վարչությունից է։ Թոզ Շելլենբերգը պար գա...
 
— Շելլենբերգը ապացույցներ կպահանջի։ Եվ դուք գիտեք, որ այդտեղ նրան կպաշտպանի ռայխսֆյուրերը։
 
— Կարծո՞ւմ եք,
 
— Համոզված եմ։
 
— Ինչո՞ւ,
 
— Դժվար կարողանամ ապացուցել։ Ես համոզված եմ, օբերգրուպպենֆյուրեր։
 
Մյուլլերը կրկին սկսեց ծոծրակը շփել աջ ձեռքի բթամատով ու ցուցամատով։
 
— Իսկ ի՞նչ անենք։
 
Այսմանը թոթվեց ուսերը։
 
— Անձամբ ես գտնում եմ, որ հարկ է մինչև վերջ ազնիվ լինել ինքդ քո առաջ՝ դա էլ կորոշի հետագա բոլոր գործողություններն ու արարքները։
 
— Գործողություններն հւ արարքները միևնույն բանն են,— ասաց Մյուլլերը։— Ինչպե՜ս եմ նախանձում նրանց, ովքեր միայն հրամաններ են կատարում, և վերջ։ Ինչպե՜ս կուզենայի միայն հրամաններ կատարել։ «Ազնիվ լինել»։ Կարծես թե բան ու գործս թողած, մտածում եմ, թե ինչ անեմ, որ անազնիվ լինեմ։ Խնդրեմ, ձեզ լիակատար հնարավորություն եմ տալիս ազնիվ լինել՝ վերցրեք այս նյութերը,— Մյուլլերը Այսմանի կողմը մղեց մեքենագիր տեքստով մի քանի թղթապանակ,— և եզրակացության եկեք։ Մինչև վերջ ազնիվ։ Ես կհենվեմ դրա վրա, երբ կզեկուցեմ շեֆին՝ ստուգման արդյունքների մասին։
 
— Օբերգրուպպենֆյոլրեր, ինչո՞ւ հենց ե՛ս պիտի դա անեմ,— հարցրեց Այսմանը։
 
Մյուլլերը ծիծաղեց.
 
— Իսկ ո՞ւր է ձեր ազնվությունր, բարեկամս։ Ո՞ւր է։ Միշտ ավելի հեշտ է ուրիշներին խորհուրդ տալ՝ «ազնի՛վ եղիր»։ Իսկ յուրաքանչյուրն առանձին-առանձին մտածում է, թե իր անազնվությունն ինչպես շուռ տա ազնվության... Ինչպես արդարացնի իրեն ու իր գործողությունները։ Մի՞թե ես ճշմարիտ չեմ։
 
— Ես պատրաստ եմ զեկուցագիր գրել։
 
— Որ ի՞նչ։
 
— Զեկուցագրում կգրեմ, որ Շտիրլիցին ճանաչում եմ երկար տարիներ և նրա համար ցանկացած երաշխավորությություն կարող եմ տալ։
 
Մյուլլերը լռեց, շուռումուռ եկավ բազկաթոռի մեջ, իսկ հետո Այսմանին մի թերթ թուղթ մեկնեց,
 
— Գրեցեք,— ասաց նա,— Գրեցեք։
 
Այսմանը հանեց գրիչը, երկար մտածեց առաջին դարձվածքի վրա, ապա գրեց իր գեղագրական ձեռագրով․ «ՍՍ֊ի օբերգրուպպենֆյուրեր, 4֊րդ վարչության պետ Մյուլլերին։ ՍՍ֊ի շտանդարտենֆյուրեր ֆոն Շտիրլիցին համարելով ֆյուրերի և ՆՍԴԱՊ֊ի գաղափարներին նվիրված իսկական արիացի, խնդրում եմ թույլ տալ ինձ չզբաղվել նրա գործի ստուգմամբ։ ՍՍ֊ի օբերշտուրմբանֆյուրեր Այսման»։
 
Մյուլլերը չորացրեց թուղթը, երկու անգամ կարդաց ու ցածրաձայն ասաց.
 
— Է՛, ի՞նչ արած... Ապրեք, Ձեր նկատմամբ միշտ հարգանք եմ տածել և մեծ վստահություն, Այսման, հիմա մեկ անգամ ևս հնարավորություն ունեցա համոզվել ձեր բարձր օրինավորության մեջ։
 
— Շնորհակալություն։
 
— Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Ե՛ս եմ ձեզ շնորհակալ։ Լա՛վ, Վերցրեք այս երեք թղթապանակը, ըստ դրանց բարենպաստ կարծիք գրեք Շտիրլիցի աշխատանքի մասին, ե՛ս չէ որ ձեզ պիտի սովորեցնեմ ինչպես՝ հետախույզի արվեստ, քննիչի նրբազգացություն, իսկական նացիոնալսոցիալիստի արիություն։ Դրա համար որքա՞ն ժամանակ է ձեզ պետք։
 
Այսմանը թերթեց գործերն ու պատասխանեց.
 
― Որպեսզի ամեն ինչ գեղեցիկ ձևավորվի և փաստացիորեն հաստատվի, կխնդրեի մեկ շաբաթ տալ ինձ։
 
— Հինգ օր, այն էլ հազիվհազ։
 
— Լավ։
 
— Եվ աշխատեք հատկապես գեղեցիկ ցուցադրել Շտիրլիցին այդ պաստորի հետ տարված գործում։— Մյուլլերը մատնացույց արեց թղթապանակներից մեկը։— Կալտենբրունները գտնում է, որ հիմա որոշ մարդիկ վանականների միջոցով աշխատում են կապեր հաստատել Արևմուտքի հետ։ Վատիկան և նման բաներ...
 
— Լավ։
 
— Դե, հաջողություն ձեզ։ Ձեզ գցեք տուն ու մի լավ քնեք։
 
Երբ Այսմանը գնաց, Մյուլլերը նրա նամակը դրեց մի առանձին թղթապանակ և երկար ժամանակ նստած էր, մտքերի մեջ ընկած։ Իսկ հետո նա կանչեց իր մյուս աշխատակցին՝ օբերշտուրմբանֆյուրեր Խոլտոֆֆին։
 
— Ինձ լսեք,— ասաց նա, անգամ նստել չառաջարկելով նրան՝ Խոլտոֆֆը երիտասարդ էր։— Ես ձեզ խիստ գաղտնի և կարևոր հանձնարարություն եմ տալիս։
 
— Լսում եմ, օբերգրուպպենֆյուրեր...
 
«Սա քարեր շուռ կտա,— մտածում էր Մյուլլերը։— Սրան դեռ դուր են գալիս մեր խաղերը, դրանից դեռևս նա երանություն է զգում։ Սատանան գիտե, թե ինչեր կսարքի... Եվ լավ է... Շելլենբերգի հետ առևտուր անելու բան կլինի»։
 
— Ահա թե ինչ,— շարունակեց Մյուլէերը։— Դուք պետք է ուսումնասիրեք այս գործերը, շտանդարտենֆյուրեր Շտիրլիցի վերջին տարվա աշխատանքն է դա։ Սա «հատուցման» զենքին... այսինքն՝ ատոմային ռումբին վերաբերող գործն է... ֆիզիկոս Ռունգեի գործը... Ընդհանրապես, նեխած գործ է, բայց աշխատեք փորփրել... ինձ մոտ եկեք, ցանկացած հարց առաջանալու դեպքում։
 
Երբ փոքր֊ինչ շշկլված, բայց և դա թաքցնել ջանացող Խոլտոֆֆը թողնում էր գեստապոյի շեֆի առանձնասենյակը, Մյուլլերը կանգնեցրեց նրան ու ավելացրեց.
 
— Հանեք նաև նրա մի քանի վաղ գործերը, ռազմաճակատում, և տեսեք, թե Շտիրլիցի ու Այսմանի ճանապարհները չե՞ն հատվել։
 
 
== Տեղեկություն խորհրդածության համար ==
 
(''Դալլես'')
 
Ե՛վ գեստապոն, և՛ Աբվերը, և՛ Վիշիի հակահետախուզությունը գիտեին, որ 1942 թվականի ամռան խռովահույզ օրերին Ֆրանսիայով պետք է անցնի ինչ-որ մի ամերիկացի։ Գեստապոն և ադմիրալ Կանարիսի գերատեսչությունը սկսեցին այդ մարդուն որսալու գործը։
 
Կայարաններում և օդանավակայանների ապակեպատ շենքերում հերթապահում էին գաղտնի գործակալներ, աչքերը հառած ինչ֊որ մի բանով ամերիկացու նմանվող յուրաքանչյուր մարդու։
 
Նրանք չկարողացան բռնել այդ մարդուն։ Նա կարողանում էր անհետանալ ռեստորաններում և անսպասելիորեն հայտնվել ինքնաթիռների մեջ։ Խելացի, հաշվենկատ, հանգիստ ու քաջ այդ մարդը խաղացրեց անվտանգության գերմանական ծառայությանը, Վիշիի հակահետախուզությանը և 1942 թվականի վերջերին հրաշքով անցավ չեզոք Շվեյցարիա։
 
Այդ մարդը բարձրահասակ էր։ Մշտապես բերանում պահում էր անգլիական ուղիղ ծխամորճ, սակավախոս էր, հաճախ ժպտում էր ու զրուցակիցներին հմայում ուշադիր լսելու իր բարյացակամ եղանակով, սուր կատակներով, և եթե իրավացի չէր լինում, իր սխալն իսկույն և բացեիբաց ընդունելով։
 
Եթե Հիմմլերի, Կանարիսի և Պետենի ծառայություններն իմանային, թե ով էր նա, հավանորեն տասնապատիկ ավելի ջանք կգործադրեին, նրան իրենց ձեռքը գցելու համար։ Այդ մարդը Ալեն Դալլեսն էր, Եվրոպայում Ստրատեգիական ծառայության վարչության<ref>ԱՄՆ քաղաքական հետախուզությունը պատերազմի տարիներին։</ref> գլխավոր ռեզիդենտը։
 
Շվեյցարիայում նրա մասին շուտով սկսեցին խոսել, որպես պրեզիդենտ Ռոuզվելտի անձնական ներկայացուցչի
 
Դալլեսը մամուլում հերքում տպագրեց։ Տարօրինակ հերքում էր։ Նա հասկացավ, որ դա կրկնակի ռեկլամ է. և՛ շշուկները, և՛ հերքումը հօգուտ իրեն են։ Նա չսխալվեց. Բեռնում գտնվելու առաջին իսկ ամիսներից բոլոր կողմերից դեպի նա ձգվեցին զանազան մարդիկ, որոնցից աշխարհի հետախուզությունը սովորաբար իր գործակալությունն է հավաքագրում։
 
նախքան լայնորեն աշխատանք ծավալելը, Դալլեսն ամենամանրակրկիտ կերպով ուսումնասիրեց իր աշխատակիցների վրա կազմված նյութերը։
 
— Այստեղ, կապույտ թղթապանակում,— բացատրում էր նրան ՀՖԲ-ի<ref>Հետաքննության ֆեդերալ բյուրո։</ref> աշխատակիցը,— բոլոր նրանք են, ովքեր բարեկամներ և մոտ ընկերներ ունեն առանցքի երկրներում կամ չեզոք պետություններում։ Այս թղթապանակում Գերմանիայում և Եվրոպայում ծնված անձինք են, ինչպես և նրանք, ում ծնողները գերմանացիներ են։ Այստեղ նրանց ազգանուններն են, ում հետ նամակագրություն ունեն ձեր աշխատակիցները․․․ Իսկ ահա այստեղ...
 
Դալլեսը երկմտած հարցով ընդհատեց նրան.
 
— Այս ամենն ի՞նչ կապ ունի գործի հետ։
 
— Ներեցեք...
 
— Ինձ հետաքրքրում է հետևյալը, ինձ հետ աշխատակցող մարդկանցից որևէ մեկը «Գերմանա-ամերիկյան» ինստիտուտի ակտիվիստ եղե՞լ է, թե՝ ոչ։ Կոմունիստական կուսակցության անդամ եղե՞լ է։ Ընտանի՞քն ինչպես է։ Ամուսնությունը հաստատո՞ւն է, թե՝ կինը հիստերիկ է, իսկ ամուսինը դրանից հարբեցողության է դիմել ու պատրաստ է գրողի ծոցն ուղարկել կռվի բուն ընտանեկան օջախը։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայում կամ Իտալիայում եղած բարեկամներին, ապա իմ հեռավոր հարազատներից մեկը դեռևս անցյալ դարում հաստատվել է Գերմանիայում։
 
Երբ Հիմմլերի գերատեսչությունը կարողացավ Դալլեսի տուն մտցնել իր գործակալին (Ալեն Դալլեսի մոտ աշխատող սիրունիկ, ճշտակատար աղախինը կայսերական անվտանգության ծառայության վեցերորդ վարչության աշխատակից էր), Շհլլենբերգն ու Հիմմլերն այդ գործակալից կարևոր ու հետաքրքիր շատ բան իմացան։
 
Օրինակ, այդ գործակալը հայտնեց, որ Ալեն Դալլեսի սեղանի և ըստ երևույթին ամենասիրած գիրքը չինացի Սուն Ցզիի «Պատերազմի արվեստն» է։ Այդ գրքում չինական տեսաբանը շարադրում էր լրտեսության հիմունքները, որոնք օգտագործվել են Չինաստանում դեռևս մեր թվարկությունից առաջ։
 
Գեստապոյի գործակալը կարողացավ լուսանկարել աստվածաշունչը, որի լուսանցքներին ամերիկյան հետախույզը հսկայական քանակությամբ նշումներ էր կատարել։ Մասնավորապես, իր համար նա նշել էր այն տեղը, երբ Նավեի որդին՝ Յեսուն երկու մարդ ուղարկեց Երիքով, որպեսզի սրանք գաղտնի կերպով ամեն ինչ իմանային։ «Եվ եկան նրանք Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տուն»։ Դա, ինչպես թվում էր Դալլեսին և ինչպես այդ մասին նա ասում էր ընկերներին, առաջին վկայությունն էր հենց նրա, ինչ այժմ պրոֆեսիոնալ հետախույզների մոտ կոչվում է «թաքուն հանդիպատեղ»։ Ռախաբը լրտեսներին թաքցրեց իր տանը, իսկ հետո դուրս տարավ նրանց քաղաքից, և Իսրայելի ժողովուրդը գրավելով Երիքովը, սրի քաշեց բոլորին, կենդանի թողնելով միայն Ռախաբին և նրա ընտանիքը։ Հենց այդ ժամանակից էլ ավանդույթ էր դարձել պարգևատրել նրանց, ով օգնում է հետախուզությանը։
 
Ալեն Դալլեսի սիրած գրքերից մեկն էլ Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» էր։ Շատ հաճախակի նա անդրադառնում էր նաև «Մոլլ Ֆլենդերսին» և «Հուշեր ժանտախտի տարու մասին» գրքերին։ Դրանք գրել էր ամենահոյակապ հետախույզներից մեկը։ Դանիել Դհֆոն ոչ միայն հետախուզական խոշոր ցանցի ինքնուրույն կազմակերպիչն էր, նա անգլիական հետախուզության անդրանիկ պետն էր, որի մասին աշխարհն իմացավ գրողի մահվանից շատ տարիներ անց։
 
Կրտսեր-Դալլեսի կենսագրությունն այնքան էլ ակնառու չէր։ Արվեստների մագիստրոս, նա անցավ դիվանագետի, հետախույզի, քաղաքագետի, փաստաբանի ճանապարհ։ Նա գեներալ Հոֆմանի մտերիմն էր, որը դեռևս 1919 թվականին առաջինն առաջ քաշեց «Հարձակում կարմիր Արևելքի վրա» տեսությունը։ Դալլեսը կառավարություններ էր տապալում Մերձավոր Արևելքում և իշխանության գլուխ կանգնեցնում դիկտատուրաներ Հարավային Ամերիկայոլմ, բայց դա անում էր ոչ թե Միացյալ Նահանգների շահերից ելնելով, նա ծառայում էր նավթի արքաներին՝ Ռոկֆելլերին և Մելլոնին։ Երեսնական թվականներին Ջոն և Ալեն Դալլեսները սերտ կապեր հաստատեցին Տիսսենի գերմանական կոնցեռնների, «Ի. Գ, Ֆարրենինդուստրիի», «Ռոբերտ Բոշ» կոնցեռնի հետ։ Ալեն Դալլեսը դարձավ գերմանական այդ կոնցեռնների ներկայացուցիչն Ամերիկայոլմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Դալլեսը դարձավ «Շրեդեր տրեստ կոմպանիի» դիրեկտորը։ Կուրտ ֆոն Շրեդերը ՍՍ-ի գրուպպենֆյուրեր էր, ֆյուրերին անձամբ ներկայացված Հիմմլերի կողմից։ Ալեն Դալլեսը անդունդի եզրին էր, երբ պատերազմ սկսվեց նացիստների դեմ։ Նրան փրկեցին տերերը՝ Ռոկֆելլերները և Մելլոնները։ «Մեզ պետք է մի մարդ, որը Գերմանիան մեզնից ավելի լավ իմանա: Վերջիվերջո, նա Ամերիկայի քաղաքացի է, իսկ նախկին սխալներից ոչ ոք երաշխավորված չի եղել»։ Հենց Դալլեսին էլ հանձնարարվեցին ԱՄՆ շահերը պաշտպանել Եվրոպայում։
 
== 17.2.1945 (Ժամը 10-ն անց 03 րոպե) ==
 
Երբ ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Վոլֆը ելավ Հիմմլերի առանձնասենյակից, ռայխսֆյուրերը երկար ժամանակ անշարժ նստած մնաց։ Այժմ նրան վախ չէր պաշարել, ո՛չ, համենայն դեպս, նրան այդպես թվաց։ Պարզապես կյանքում առաջին անգամ նա ուխտադրուժ դարձավ։ Նա ճանաչում էր ուխտադրուժներին, նույնիսկ չէր խանգարում նրանց, հետևելով, թե ով հաղթող դուրս կգա 44-ի հուլիսին, բայց հիմա ինքն էր պետական դավաճանության ակտ կատարել, թշնամու հետ բանակցությունների համար մի՛ պատիժ էր նախատեսված՝ մահ։
 
Կառլ Վոլֆն Իտալիա վերադարձավ, որպեսզի ուղղակի կապի մեջ մտնի Դալլեսի հետ՝ ՍՍ֊ի բարձրագույն աստիճանի սպան դաշնակիցների բարձրագույն աստիճանի հետախույզի հեա։
 
Հիմմլերն իր սովորական եղանակով հանեց ակնոցը (այսօր անշրջանակ ակնոց էր դրել, իսկ նման ակնոց կրում են դպրոցի ուսուցիչները) և սկսեց դանդաղ շփել ապակիները թավշակաշվի կտորով, նա զգաց, որ իր մեջ ինչ-որ բան փոխվեց։ Անմիջապես չհասկացավ, թե ինչ փոխվեց, բայց հետո ժպտաց։ «Ես սկսեցի շարժվել,— հասկացավ նա,— ամենասարսափելին տանջալի շղթայվածությունն է, նման գիշերային մղձավանջի»։
 
Նա իր մոտ կանչեց Շելլենբեբգին։ Քաղաքական հետախուզության պետը Հիմմլերի մոտ եկավ մեկ րոպե անց, կարծես ընդունարանում նստած լիներ և ոչ թե իր մոտ՝ երրորդ հարկում։
 
— Վոլֆը թռչում է Դալլեսի հետ կապ հաստատելու,— ասաց Հիմմլերն ու կոտրատեց մատները։
 
— Իմաստուն բան է։
 
— Խելագարությո՜ւն է, Շելլենբերգ, խելագարություն է և ավանտյուրիզմ։
 
— Դուք նկատի ունեք հնարավոր ձախողո՞ւմը։
 
— Ես նկատի ունեմ պրոբլեմների մի ամբողջ կոմպլեքս։ Դո՛ւք եք, այս ամենը ձե՛ր արածն է։ Դո՛ւք ինձ հասցրեցիք այս քայլին։
 
— Եթե Վոլֆը ձախողվի, ապա բոլոր նյութերը մեզ մոտ կգան։
 
— Սկզբում նրանք կարող են վիեննացու ձեռքն ընկնել․․․
 
Շելլենբերգը հարցական նայեց Հիմմլերին։ Վերջինս խոժոռված պարզաբանեց.
 
— Կալտենբրունների։ Եվ ես չգիտեմ, հետո այդ նյութերն ուր կգնան՝ Բորմանի՞, թե՝ իմ մոտ։ Իսկ դուք գիտեք, թե ինչ կանի Բորմանը, հենց որ նմանօրինակ նյութ ստանա։ Եվ դուք կարող եք պատկերացնել, թե ինչպես կվերաբերվի ֆյուրերը, երբ ամեն ինչ տեսնի, դեռ դրան ավելացրած Բորմանի բացատրությունները։
 
— Այդ հնարավորությունը նույնպես վերլուծել եմ։
 
Հիմմլերը բարկացած կնճռոտեց դեմքը։ Հիմա նա մի բան էր ցանկանում՝ ետ դարհևել Վոլֆին և իսպառ մոռանալ նրա հետ ունեցած խոսակցությունը։
 
— Ես վերլուծձլ եմ այդ հնարավորությունը,— կրկնեց Շելլենբերգը։— Նախ, Վոլֆը պարտավոր է Դալլեսի հետ խոսել ոչ իր, ոչ առավել ևս ձեր անունից, այլ ֆելդմարշալ Կեսսելրինգի անունից, ում նա ենթարկվում է Իտալիայում։ Նա հրամանատարի տեղակալ է Իտալիայում, նա ձեր անմիջական ենթակայությունից դուրս է...
 
Ֆելդմարշալ Կեսսելրինգը ժամանակին Գյորինգի օգնականն էր «Լյուֆտվաֆֆեի» գծով։ Բոլորը նրան Գյորինգի մարդն էին համարում։
 
— Դա լավ է,— ասաց Հիմմլերը։— Դուք դա նախօրո՞ք էիք մտածել, թե նոր անցավ ձեր մտքով։
 
— Դա իմ մտքով անցավ, հենց որ իմացա Վոլֆի ուղևորության մասին,— պատասխանեց Շելլենբերգը։— Թույլ կտա՞ք ծխել։
 
— Այո, խնդրեմ,— պատասխանեց Հիմմլերը։
 
Շելլենրերգը ծխախոտ վառեց։ Երեսունվեց թվականից նա միայն «Քեմել» էր ծխում և ուրիշ ոչ մի սիգարեթ չէր ընդունում։ Մի անգամ, քառասուներկուսին, այն բանից հետո, երբ Ամերիկան պատերազմի մեջ մտավ, նրան հարցրեցին․ «Ձեզ որտեղի՞ց թշնամական սիգարեթներ», Շելլենբերգը պատասխանեց․ «Իրոք, ամերիկյան սիգարեթներ թե գնես, կասեն՝ դավաճանել ես հայրենիքիդ...»։
 
— Ես բոլոր հնարավորությունների շուրջ մտածել եմ,— շարունակեց նա,— նույնիսկ ամենատհաճների շուրջ։
 
— Այսի՞նքն,— զգուշացավ Հիմմլերը։ Նա հանգստացել էր, խելքը գլուխը եկել, խելացի հեռանկար էր երևացել, էլ ի՞նչ տհաճ բան կարող էր լինել, եթե ամեն ինչ այդպես հարմար դասավորվում էր։
 
— Իսկ ի՞նչ կլինի, եթե Կեսսելրինգը, և ավելի վատ՝ նրա հովանավոր Գյորինգը տվյալ դեպքում կարողանան, իրենց ալիբին ապացուցել։
 
— Մենք դա թույլ չենք տա։ Նախօրոք հոգ տարեք այդ մասին։
 
— Մենք՝ այո, բայց Կալտենբբուններն ու Մյուլլե՞րը։
 
— Լավ, լավ,— հոգնած ասաց Հիմմլերը,— իսկ ի՞նչ եք առաջարկում դուք։
 
— Ես առաջարկում եմ մի զարկով երկու նապաստակ խփել։
 
— Այդպես չի լինում,— պատասխանեց Հիմմլերն առավել հոգնած ու խամրած ձայնով,— չնայած, ես որսորդ չեմ...
 
— Ֆյուրերն ասում է, որ դաշնակիցները գտնվում են գժտության եզրին, այդպես չէ՞։ Հետևաբար, նրանց այդ գժտեցումը մեր գլխավոր խնդիրներից մեկն է։ Ի՞նչ կանի Ստալինը, եթե իմանա սեպարատ բանակցությունների մասին, որ ՍՍ-ի գեներալ Վոլֆը վարում է արևմտյան դաշնակիցների հետ։ Ես չեմ փորձում դատել, թե նա ինչպե՞ս կվարվի, բայց այն, որ դա նրան գործողությունների կմղի, ոչ մի րոպե չեմ կասկածում, հեաևաբար, Վոլֆի ուղևորությունը, որը մենք կգաղտնագրենք որպես Ստալինի մեծ ապակողմնորոշում, կդառնա հօգուտ ֆյուրերի։ Մեր լեգենդը հետևյալն է՝ բլյոֆ Ստալինի համար։ Ձախողման դեպքում ֆյուրերին այդպես կբացատրենք օպերացիան։
 
Հիմմլերը վեր ելավ աթոոից, նա բազկաթոռներ չէր սիրում ու միշտ նստում էր գրասենյակային հին աթոռի վրա, մոտեցավ պատուհանին և երկար դիտում էր Բեռլինի ավերակները։ Դպրոցից տուն էին դառնում երեխաները և ուրախ ծիծաղում։ Երկու կին ձեռնասայլակներով տանում էին իրենց երեխաներին։ Հիմմլերը հանկարծ մտածեց․ «Ուրախությամբ կգնայի անտառ ու կգիշերեի խարույկի մոտ։ Վալտերն ի՜նչ խելացի է, աստված իմ․․․»։
 
— Ես կմտածեմ ձեր ասածների շուրջ,— առանց շրջվելու ասաց Հիմմլերը։ Նա ուզում էր իրեն վերցնել Շելլենբերգի հաղթանակը։ Վերջինս ուրախությամբ ռայխսֆյուրերին կտար այն. նա միշտ Հիմմլերին ու Հեյդրիխին էր տալիս իր հաղթանակները։
 
— Մանրամասները ձեզ կհետաքրքրե՞ն, թե մանրուքներն ինքս մտածեմ,— հարցրեց Շելլենբերգը։
 
— Ինքներդ մտածեք,— պատասխանեց Հիմմլերը, բայց երբ Շելլենբերգը մոտեցավ դռանը, նա շրջվեց ու հարցրեց.— թեև այս գործում մանրուքներ չպետք է լինեն։ Ի՞նչ նկատի ունեք։
 
— Նախ, քողարկման օպերացիան... Այսինքն, պետք է որևիցե օտար, ոչ մեր դեմքը դնել Արևմուտքի հետ բանակցությունների համար... Իսկ հետո այդ մարդու մասին եղած նյութերը կհանձնենք ֆյուրերին։ Հարկ եղած դեպքում... Դա կլինի հետախուզության մեր ծառայության հաղթանակը՝ ձախողեցինք թշնամու ստոր մտադրությունները, իմ կարծիքով, այսպես է հաղորդում Գեբրելսը։ Երկրորդ, Շվեյցարիայում հազարավոր աչքեր են հետևելու Վոլֆին։ Ես ուզում եմ, որպեսզի արևմտյան դաշնակիցների հազարավոր աչքերի հետ նրան հետևեն իմ մարդկանցից մի հինգ֊վեց հոգի։ Վոլֆը չի իմանա մեր մարդկանց մասին։ Նրանք ինֆորմացիա կուղարկեն անմիջապես ինձ։ Ի լրումն ամենի, սա երրորդ ալիբին է։ Ձախողման դեպքում ստիպված կլինենք զոհել Վոլֆին, բայց նրան հետևելու մասին նյութերը տեղ կգտնեն մեր դոսյեներում։
 
— Ձե՛ր,— ուղղեց նրան Հիմմլերը,— ձեր դոսյեում։
 
«Ես կրկին վախեցրի նրան,— մտածեց Շելլենբերգը,— այս մանրամասները նրան վախեցնում են։ Նրանից պետք է միայն համաձայնություն վերցնել, իսկ հետո ամեն բան անձամբ անել»։
 
— Ո՞ւմ եք ուզում այնտեղ ուղարկել։
 
— Լավ թեկնածուներ ունեմ,— պատասխանեց Շելլենբերգը,— բայց դա արդեն մանրուք է, որն ինքս կարող եմ վճռել, ձեզ չկտրելով առավել կարևոր գործերից։
 
Առաջին խնդրի լուծման համար Շելլենբերգի թեկնածուների ցուցակում կար ֆոն Շտիրլիցը իր «խնամարկյալ» պաստորի հետ։
 
 
== 17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե) ==
 
Առավոտյան, երբ Էրվինը պետք է պատասխան ընդուներ Կենտրոնից, Շտիրլիցը մեքենայով դանդաղ գնում էր նրա տան կողմը։ Ետևի նստատեղին դրված էր մի հսկայական նվագարկիչ, ըստ լեգենդի, Էրվինը նվագարկիչների փոքրիկ ֆիրմայի տնօրեն էր, դա նրան հնարավորություն էր տալիս հաճախակի երթևեկել երկրով մեկ, սպասարկելով հաճախորդներին։
 
Փողոցը խցանված էր, առջևում մաքրում էին փողոցը․ փլուզումից հետո, գիշերային ռմբակոծության ժամանակ փլվել էր վեցհարկանի շենքի պատը, և ճանապարհային ջոկատների բանվորները ոստիկանների հետ մեկտեղ արագ ու միահամուռ կազմակերպում էին փոխադրականի անցուդարձը։
 
Շտիրլիցը ետ նայեց՝ իր «Խորխի» ետևից երեսունից ոչ պակաս մեքենաներ կլինեին շարված։ Բեռնատարի վարորդը՝ մի պատանյակ, բղավեց Շտիրլիցին։
 
— Եթե հիմա գան, այ թե շիլափլավ կլինի հա՜, թաքնվելու տեղ էլ չկա։
 
— Չեն գա,— պատասխանեց Շտիրլիցը, երկնքին նայելով։ Ամպերը ցածր էին, դատելով գորշ֊սև եզրերից՝ ձնաբեր։
 
«Գիշերը տաք էր,— մտածեց Շտիրլից։— Իսկ հիմա ցրտել է, հաստատ ձյուն է գալու»։
 
Չգիտես ինչու հիշեց երեկվա աստղագետին՝ «... Անհանգիստ արեգակնային տարի է։ Գնդի վրա ամեն ինչ փոխադարձ կապի մեջ է։ Մենք բոլորս փոխադարձաբար կապակցված ենք լուսատուի հետ, լուսատուն գալակտիկայի հետ,— Շտիրլիցը մեկեն քմծիծաղեց.— նման գեստապոյի գործակալական ցանցին...»
 
Առջևում կանգնած շուցմանը կտրուկ թափ տվեց ձեռքը և բղավեց կոկորդային ձայնով.
 
— Անցե՛ք։
 
«Աշխարհի ոչ մի երկրում,— ինքն իրեն հաստատեք Շտիրլիցը,— ոստիկաններն այնպես չեն սիրում հրամայել և ձեռքի մահակով այնպիսի ղեկավարող շարժումներ անել, ինչպես մեզ մոտ»։ Նա, հանկարծ իրեն բռնեց այն բանում, որ գերմանացիների ու Գերմանիայի մասին մտածեց այնպես, ինչպես իր ժողովրդի ու իր երկրի մասին։ «Իսկ այլ կերպ չի կարելի։ Եթե սահմանազատեի ինձ, ապա վաղուց ի վեր անպայման կորած կլինեի։ Հավանորեն պարադոքս է՝ ես սիրում եմ այս ժողովրդին, սիրում եմ այս երկիրը։ Իսկ գուցե, իրոք, հիտլերները գալիս են և գնում»։
 
Ճանապարհն այլևս բաց էր և Շտիրլիցը լրիվ գազ տվեց։ Նա գիտեր, որ կտրուկ շրջադարձերը շատ վատ «ուտում» են դողերը, նա գիտեր, որ այժմ դողերը դեֆիցիտ են, բայց և այնպես սիրում էր կտրուկ շրջադարձերը, այնպես, որ ռեզինը ճվճվա ու երգի, իսկ մեքենան այդ ժամանակ թեքվում էր, ինչպես նավակը փոթորկի ժամանակ։
 
Կեպենիկում, Էրվինի և Քեթի տան մոտ եղած շրջադարձի վրա, ոստիկանական երկրորդ շղթան էր կանգնած։
 
— Ի՞նչ է եղել այնտեղ,— հարցրեց Շտիրլիցը։
 
— Փողոցն ավերված է,— պատասխանեց ջահել ու գունատ շուցմանը,— նրանք ինչ-որ մի հզոր ական են ձգել։
 
Շտիրլիցն զգաց, թե ինչպես քրտնեց ճակաաը։
 
«Ճիշտ է,— հանկարծ հասկացավ նա,— նրանց տունը՝ նույնպես»։
 
— Թիվ իննը տունը նույնպե՞ս,— հարցրեց նա։
 
— Այո՛, լրիվ փշրել են։
 
Շտիրլիցը մեքենան քաշեց մայթի մոտ և նրբանցքով աջ գնաց․ նրա ճանապարհը կտրեց հիվանդի տեսքով միևնույն շտուցմանը։
 
— Արգելված է։
 
Շտիրլիցը շրջեց պիջակի դարձածալը՝ ՍԴ֊ի ժետոնը վրան։ Շուցմանը պատվի առավ ու ասաց․
 
— Սակրավորները վախենում են, թե արդյոք դանդաղ գործող ռումբ չլինի։
 
— Ուրեմն, միասին հօդս կցնդենք,— պատասխանեց Շտիրլիցը և գնաց թիվ իննը տան ավերակների կողմը։
 
Նա վիթխարի, անմարդկային հոգնություն էր զգում, բայց գիտեր, որ պարտավոր է քայլել իր սովորական, զսպանակաձև քայլքով և այդպես էլ գնում էր՝ զսպանակաձև, դեմքին էլ իր պարտպդիր, սկեպտիկ քմծիծաղն էր։ Իսկ աչքերի առջև Քեթն էր։ Փորը շատ էր մեծ, կլոր։ «Աղջիկ կլինի,— իրեն մի անգամ ասաց նա։— Երբ փորը ցցվում է վարունգի պես, տղա է լինում, իսկ ես անպայման աղջիկ կծնեմ»։
 
— Բոլորը զոհվե՞լ են,— հարցրեց Շտիրլիցը ոստիկանին, որն առաջվա պես հետևում էր հրշեջների աշխատանքին։
 
— Դժվար է ասել։ Ռումբն առավոտվա դեմ է ընկել, սանիտարական մեքենաներ շատ կային...
 
— Շա՞տ իրեր են մնացել։
 
— Այնքան էլ չէ... Տեսնում եք, ինչ շիլաշփոթ է...
 
Լաց լինող երեխայով մի կնոջ Շտիրլիցն օգնեց մայթից տեղափոխել ձեռնասայլակն ու վերադարձավ մեքենայի մոտ։
 
 
== 17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե) ==
 
— Մամոչկա՜,— բղավում էր Քեթը։— Աստվա՜ծ իմ։ Մամա-ա-ա-ա՜։ Օգնեքb՜ք, ով կա՜։
 
Նա պառկած էր սեղանին։ Նրան ծննդատուն էին բերել կոնտուզիա ստացած, երկու տեղից գլուխը ջարդված էր։ Նա անկապ֊անկապ բառեր էր բղավում՝ աղիողորմ, ռուսերեն, ռյազանյան բառեր։
 
 
Ձայնեղ, խռպոտ ձայնով, խոշոր տղային ընդունող բժիշկն ասաց մանկաբարձուհուն.
 
— Լեհուհի է, բայց ի՜նչ հսկա է ծնել...
 
— Նա լեհուհի չէ,— ասաց մանկաբարձուհին։
 
— Իսկ ո՞վ է։ Ռո՞ւս։ Թե՝ չեխ։
 
— Անձնագրով գերմանուհի է,— պատասխանեց մանկաբարձուհին,— նրա վերարկուի գրպանում անձնագիր կար գերմանուհի Քեթրին Քինի անվամբ։
 
— Գուցե ուրիշի՞ վերարկու է։
 
— Գուցե և,— համաձայնեց մանկաբարձուհին։— Տեսեք, ի՜նչ հրաշալի պստիկ է, հինգ կիլոգրամից պակաս չի լինի, ի՜նչ գեղեցիկ է... Դո՞ւք կզանգահարեք գեստապո, թե ավելի ուշ ես զանգահարեմ։
 
— Դուք զանգահարեք,— պատասխանեց բժիշկը,— միայն թե հետո։
 
 
«Վերջ,— հոգնած, ասես հարևանցիորեն մտածում էր Շտիրլիցը,— այժմ արդեն լիովին մենակ եմ։ Հիմա ես պարզապես բացարձակապես միայնակ եմ...»։
 
Նա երկար նստեց իր առանձնասենյակում փակված ու չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Մեքենայաբար հաշվեց, որ ինն զանգ եղավ։ Երկու մարդ իրեն զանգահարում էին երկար, հավանաբար, կարևոր մի գործով, կամ զանգահարում էին ստորադրյալները՝ նրանք միշտ երկար են զանգահարում։ Մնացածները կարճ զանգեր էին՝ այդպես զանգահարում են կամ ղեկավարությունից, կամ ընկերները։
 
Ապա նա դարակից մի թերթ թուղթ հանեց ու սկսեց գրել.
 
<blockquote>
'''ՍՍ֊ի Ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմմլերին'''
 
''Հույժ գաղտնի: Անձամբ''
 
Ռայխսֆյուրե՛ր.
 
Ազգի շահերն ինձ ստիպում են Ձեզ դիմել այս նամակով։ Հուսալի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ձեր թիկունքում ՍԴ֊ից ինչ֊որ մարդկանց խումբ կապեր է հաստատում թշնամու հետ, հող որոնելով հակառակորդի հետ գործարքի համար։ Ես չեմ կարող խիստ փաստացիորեն հաստատել այդ տեղեկությունները, բայց խնդրում եմ Ձեզ ընդունել ինձ և լսել իմ առաջարկություններն այդ հարցի առթիվ, որն ինձ չափազանց կարևոր և անհետաձգելի է թվում։ Խնդրում եմ Ձեզ թույլ տալ ինձ, օգտագործելով իմ կապերը Ձեզ առավել մանրամասնորեն տեղեկացնել և առաջարկել այդ մեկնակերպի մշակման իմ պլանը, որը, ցավոք, ինձ շատ ճշմարտանման է թվում։
 
''Հա՛յլ Հիտլեր։''
 
ՍՍ֊ի շտանդարտենֆյուրեր ''ֆոն Շտիրլից''»
</blockquote>
 
Նա գիտեր, թե ում պիտի վկայակոչի խոսակցության դեպքում, երեք օր առաջ օդային հարձակման ժամանակ զոհվել էր Պորտուգալիայից եկած կինոխրոնիկյոր Պուէբլոս Վասսերմանը, որը սերտորեն կապված էր շվեդների հետ։
 
== Տեղեկություն խորհրդածության համար ==
 
(''Շելլենբերգ'')
 
<blockquote>(''ՍՍ֊ի բրիգադենֆյուրեր, ՌՍԽԱ֊ի 6֊րդ բաժանմունքի պետ, 1934 թվականից ՆՍԴԱՊ անդամ Վալտեր Շելլենբերգի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի է։ Բնավորությունը՝ նորդական, խիզախ, ամուր։ Ընկերների և աշխատանքային ընկրեների հետ բացսիրտ է, մարդամոտ, ընկերասեր։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ընտանիքի գերազանց հայր է։ Կնոջ թեկնածությունը հաստատված է ՍՍ֊ի ռայխսֆյուրերի կողմից։ Իրեն անվանարկող կապեր չի ունեցել։ Հրաշալի մարզիկ է։ Աշխատանքում իրեն դրսևորել է որպես ականավոր կազմակերպիչ․․․»'')</blockquote>
 
Իր մասաժիստ դոկտոր Քերստենից հետո Հիմմլերը թերևս հավատում էր, ինչպես ինքն իրեն, սոսկ միայն Շելլենբերգին։ Նրան հետևում էր երեսնական թվականների սկզբից, երբ Շելլենբերգը դեռևս սովորում էր։ Նա գիտեր, որ այդ քսաներեքամյա գեղեցիկ տղամարդը ճիզվիտական քոլեջից հետո ավարտել է համալսարանն ու դարձել արվեստագիտության բակալավր։ Նա գիտեր նաև, որ համալսարանում Վալտերի սիրելի պրոֆեսորը ազգությամբ հրեա է եղել։ Նա գիտեր, որ Շելլենբերգը սկզբում կատակի է տվել նացիոնալ֊սոցիալիզմի վեհ գաղափարներն ու ոչ միշտ է գովասանքով արտահայտվել ֆյուրերի մասին։
 
Երբ Շելլենբեբգին հրավիրեցին աշխատել հետախուզությունում, նա արդեն սկսել էր հիասթափվել գերմանական մտավորականության դիրքորոշումից, որը լոկ ցավով մեկնաբանում էր Հիտլերի ոճրագործությունները և վախվորած ծաղրում ֆյուրերի հիստերիզմը, և ընդունեց Հեյդրիխի առաջարկությունը։
 
Նրա առաջին մկրտությունը «Կիտտիի սալոնն» էր։ Նեբեի քրեական ոստիկանության պետն իր քարտադարանից ընտրել և այդ աշխարհիկ սալոնն էր ուղարկել Բեռլինի, Մյունխենի և Համբուրգի ամենանրբակիրթ պոռնիկներին։ Հետո, Հեյդրիխի հանձնարարությամբ, Վալտերը գտավ դիվանագետների և բարձրաստիճան զինվորականների գեղեցիկ ու երիտասարդ կանանց, որոնք ձանձրացել էին միայնությունից (նրանց ամուսինները օրեր ու գիշերներ էին անցկացնում խորհրդակցություններում, երթևեկում էին Գերմանիայում, արտասահման թռչում։) Կանայք տխրում էին, նրանք զվարճություններ էին ցանկանում։ Այդ ամենը նրանք գտնում էին Կիտտիի սալոնում, ուր հավաքվում էին դիվանագետներ Ասիայից, Ամերիկայից և Եվրոպայից։
 
ՍԴ֊ի տեխնիկական գերատեսչության մասնագետներն այդ սրահում պատրաստեցին կրկնակի պատեր ու տեղադեցին ունկնդրության և լուսանկարման սարքավորում։ Հեյդրիխի գաղափարն իրականացնում էր Շելլենբերգը, նա այդ սալոնի տերն էր ու կատարում էր աշխարհիկ միջնորդի դեր։
 
Հավաքագրումը գնում էր երկու ուղղությամբ. վարկաբեկված դիվանագետները սկսում էին աշխատել Շելլենբերզի հետախուզությունում, իսկ երրորդ ռայխի զինվորական, կուսակցական և պետական գործիչների վարկաբեկված կանայք անցնում էին գեստապոյի շեֆ Մյուլլերի գերատեսչություն, Մյուլլերին մոտ չէին թողնում սալոն՝ աշխատելու. նրա գեղջկական արտաքինը և կոպիտ կատակները կարող էին վախեցնել հաճախորդներին։ Հենց այն ժամանակ էլ նա իրեն կախված զգաց քսանհինգամյա մի երեխայից։
 
— Նա կարծում է, թե ես կսկսեմ ձեռք գցել իր մանուշակագույն բոզերի ոտքերին,— ասաց Մյուլլերն իր օգնականին,— շատ չէ՞ր լինի։ Մեր գյուղում դրանց նման կնանքանց թրիքի որդ էին ասում։
 
Եվ երբ ֆրաու Հեյդրիխը ամուսնու բացակայության ժամանակ զանգահարեց Շելլենբերգին, բողոքեց ձանձրույթից ու նրան առաջարկեց քաղաքից դուրս, որևէ լճափ գնալ, Մյուլլերն անմիջապես իմացավ այդ մասին և որոշեց, որ հիմա այդ սիրունիկ տղայի վիզը ոլորելու ճիշտ ժամանակն է։ Նա չէր պատկանում գեստապոյի այն «ծերունիների» թվին, որոնք Շելլենբերգին լուրջ դեմք չէին համարում՝ սիրուն տղա է, գրադարանից վերցնում է լատիներեն ու իսպաներեն գրքեր, հագնվում է ձևապաշտի պես, առանց թաքնվելու սիրավեպեր է ունենում, Պրինցալբրեխտշտրասսեով ոտքով է քայլում, հրաժարվում է մեքենայից, մի՞թե դա լուրջ հետախույզ է։ Շատախոսում է, ծիծաղում, խմում...
 
Մյուլլերի գեղջկական, ծանրաշարժ, բայց նորին արագ արձագանքող միտքը հուշեց նրան, որ Շելլենբերգն առաջինն է նոր սերնդի մեջ։ Սիրելին իր ետևից իր նմաններին կբերի։
 
Շելլենբերգը ֆրաու Հեյդրիխին տարավ Պլոյներ լիճը։ Սա միակ կինն էր, ում հարգում էր Վալտերը, կարող էր նրա հետ խոսել Հելադայի վսեմ ողբերգության և Հռոմի կոպիտ զգայականության մասին։ Նրանք թափառում էին լճափին և խոսում, մեկը մյուսին ընդհատելով։ Մյուլլերի գերատեսչությունից երկու մռութ֊տղերք լողանում էին սառը ջրում։ Շելլենբերգը չէր կարող ենթադրել, որ անչափ սառը ջրում լողացող այդ երկու ապուշները կարող են գեստապոյի գործակալներ լինել։ Նա գտնում էր, որ գործակալն իրավունք չունի այդպես բացահայտորեն իր վրա ուշադրություն հրավիրել։ Մյուլլերի գեղջկական խորամանկությունը գերազանցեց Շելլենբերգի հստակ տրամաբանությանը։ Գործակալները պետք է լուսանկարեին «օբյեկտները», եթե զույգը ըստ Մյոլլլերի խոսքերի, որոշեր «պառկել թփերի տակ», քայց «օբյեկտները» թփերի տակ չպառկեցին։ Սուրճ խմելով բացօթյա պատշգամբում, նրանք քաղաք վերադարձան։ Այնուամենայնիվ, Մյուլլերը որոշեց, որ կույր խանդը միշտ ավելի սարսափելի է «տեսանելիից»։ Դրա համար էլ նա Հեյդրիխի սեղանին հաղորդագրություն դրեց այն մասին, որ նրա կինն ու Շելլենբերգը միասին զբոսնել են անտառում և կես օր անցկացրել Պլոյներ լճի ափին։
 
Կարդալով այդ հաղորդագրությունը, Հեյդրիխը ոչինչ չասաց Մյուլլերին։ Ամբողջ օրն անցավ անտեղյակության մեջ։ Իսկ երեկոյան, նախօրոք զանգահարելով Մյուլլերին, Հեյդրիխը մտավ Շելլենբերգի առանձնասենյակը, խփեց նրա մեքքին։
 
— Այսօր վատ տրամադրություն ունեմ, գնանք խմելու։
 
Եվ նրանք երեքով մինչև առավոտյան ժամը չորսը թափառեցին փոքրիկ ու կեղտոտ պանդոկներում, սեղան էին նստում հիստերիկ պոռնիկների և վայլուտայի սպեկուլյանտների հետ, ծիծաղում էին, կատակում, բոլորի հետ ժողովրդական երգեր երգում, իսկ արդեն լուսադեմին, սպիտակ կտրած Հեյդրիխը մոտ նստելով Շելլենբերգին, առաջարկեց բրուդերշաֆտ խմել։ Եվ նրանք խմեցին, ու Հեյդրիխը ափով ծածկելով Շելլենբերգի գավաթը, ասաց.
 
— Ուրեմն այսպես, ձեր գինու մեջ թույն կար։ Եթե դուք ինձ ամբողջ ճշմարտությունը չասեք, թե ինչպես եք ժամանակ անցկացրել ֆրաու Հեյդրիխի հետ, կմեռնեք։ Եթե ճշմարիտն ասեք, որքան էլ այն սարսափելի լինի ինձ համար, ես ձեզ հակաթույն կտամ։
 
Շելլենբերգն ամեն ինչ հասկացավ։ Նա կարողանում էր ամեն ինչ իսկույն հասկանալ։ Նա հիշեց քառակուսի դեմքերով երկու բաշիբուզուկներին, որոնք լողանում էին լճում, նա տեսավ Մյուլլերի դեսուդեն ընկած աչքերը, նրա չափազանց ժպտացող բերանն ու ասաց․
 
— Ուրեմն այսպես, ֆրաու Հեյդրիխը զանգահարեց ինձ։ Նա տխուր էր, և ես նրա հետ գնացի Պլոյներ լիճը։ Ես կարող եմ ձեզ վկաներ ներկայացնել, որոնք գիտեն, թե մենք ինչպես ենք ժամանակ անցկացրել։ Մենք զբոսնում ու խոսում էին Հունաստանի մեծության մասին, որին խորտակեցին մատնիչները, երկիրը ծախելով Հռոմին։ Ի դեպ, Հունաստանին ոչ միայն դա խորտակեց։ Այո՛, ես ֆրաու Հեյդրիխի հետ եմ եղել, ես աստվածացնում եմ այդ կնոջը, տիկնոջը մի մարդու, ում ես իրոք մեծ մարդ եմ համարում։ Հակաթույնն ո՞ւր է,— հարցրեց նա։— Ո՞ւր է։
 
Հեյդրիխը քմծիծաղեց, գավաթի մեջ մի քիչ մարտինի լցրեց ու մեկնեց Շելլենբերգին։
 
Դրանից կես տարի հետո Շելլենբերգը մտավ Հեյդրիխի մոտ ու նրանից թույլտվություն խնդրեց։
 
— Ես ցանկանամ եմ ամուսնանալ,— ասաց նա,— բայց իմ զոքանչը լեհուհի է։
 
Դա քննության առարկա դարձավ ՍՍ֊ի ռայխսֆյուրեր Հիմմլերի մոտ։ Սա անձամբ նայեց նրա ապագա կնոջ և զոքանչի լուսանկարները։ Ռոզենբերգի գերատեսչությունից մասնագետներ եկան։ Մանրակարկինով ստուգեցին գանգի կառուցվածքը, ճակատի մեծությունը, ականջների ձևը։ Հիմմլեըը Շելլենբերգին թույլատրեց ամուսնանալ։
 
Երբ ամուսնությունը կայացավ, լավ խմած Հեյդրիխը թևանցուկ արեց Շելլենբերգին, տարավ լուսամուտի մոտ ու ասաց.
 
— Կարծում եք, ինձ հայտնի չէ՞, որ ձեր կնոջ քույրն ամուսնացել է հրեա բանկատիրոջ հետ։
 
Շելլենբերգն իր մեջ դատարկություն զգաց ու նրա ձեռքերը սառչեցին։
 
— Դե լա՜վ,— ասաց Հեյդրիխն ու հանկարծ հոգոց հանեց։
 
Այն Ժամանակ Շելլենբերգը չհասկացավ, թե ինչու հոգոց հանեց Հեյդրիխը։ Նա այդ հասկացավ շատ ավելի ուշ, իմանալով, որ կայսերական անվտանգության պետի պապը հրեա է եղել ու ջութակ է նվագել վիեննական օպերետայում։
 
... Արևմուտքի հետ կապերի առաջին փորձերը Շելլենբերգը ձեռնարկեց 1939 թվականին։ Նա մի բարդ խաղ սկսեց անգլիացի երկու հետախույզների՝ Բեստի և Ստեֆենսի հետ։
 
Կապ ստեղծելով այդ մարդկանց հետ, նա ուզում էր ոչ միայն նրանց առջև հանդես գալ որպես գեներալների հակահիտլերյան խմբավորման ղեկավար, այլ նաև թռչել Լոնդոն, կապերի մեջ մտնել անգլիական հետախուզության, արտաքին գործերի մինիստրության և կառավարության բարձրաստիճան անձանց հետ։ Պաշտոնապես Մեծ Բրիտանիայի դեմ պրովոկացիա սարքելով, նա, այդուհանդերձ կամենում էր Դառլնինգ֊սթրիթի հետ լուրջ կապերի հնարավորությունը շոշափել։
 
Բայց Շելլենբերգի՝ Լոնդոն թռչելու նախօրյակին նրան զանգահարեց Հիմմլերը։ Խզվող ձայնով Հիմմլերն ասաց, որ հենց նոր ֆյուրերի վրա մահափորձ է կատարվել Մյունխենում։ Ֆյուրերը գտնում է, որ հավանորեն դա անգլիական հետախուզության գործն է, դրա համար էլ անհրաժեշտ անգլիացիներին՝ և՛ Բեստին, և՛ Ստեֆենսին հափշտակել ու Բեռլին բերել։
 
Շելլենբերգը Հոլանդիայում, Վենլոյում մի վիթխարի ներկայացում սարքեց։ Կյանքը վտանգի ենթարկելով, նա Բեռլին բերեց Բեստին և Ստեֆենսին։ Նրանց հարցաքննում էին ամբողջ գիշերը և դատելով նրանից, որ սղագրողն այնուհետև անգլիացի հետախույզների հարցաքննությունը վերամեքենագրում էր հատուկ գրամեքենայի վրա, որի տառերը երեք անգամ մեծ էին սովորականից, Շելլենբերգը հասկացավ, որ այդ նյութերն անհապաղ գնում են ֆյուրերի մոտ՝ նա մանր շրիֆտ կարդալ չէր կարողանում, նա միայն մեծ, թավ տպված տառեր էր կարողանում կարդալ։
 
Ֆյուրերը գտնում էր, որ մահափորձը կազմակերպված է իր նախկին ընկեր ու ներկա թշնամի կրտսեր-Շտրասսերի «Սև կապելլայի» կողմից, անգլիացիներ Բեստի ե Ստեֆենսի հետ սերտ համագործակցությամբ։
 
Բայց այդ օրերին պատահմամբ, շվեյցարական սահմանն անցնել փորձելիս ձերբակալվեց ատաղձագործ Էսլերը։ Տանջահար վիճակում նա խոստովանեց, որ ֆյուրերի վրա մահապատիժը նախապատրաստել է ինքը, մեն֊մենակ։
 
Հետո, երբ տանջանքներն անտանելի դարձան, Էսլերն ասաց, որ ավելի ուշ, ճիշտ մահափորձփց առաջ, իրեն են միացել ևս երկու հոգի։
 
Շելլենբեըգը համոզված էր, որ այդ երկուսը Շտրասսերի «Սև կապելլայից» են և անգլիացիների հետ որևիցե կապ այստեղ գոյություն չունի։
 
Հաջորդ օրը Հիտլերը հանդես եկավ մամուլում, անգլիացիներին մեղադրելով այն բանում, որ նրանք խելագար տեռորիստների աշխատանքն են ղեկավարում։ Նա սկսեց միջամտել հետաքննությանը։ Չնայած դա խանգարում էր Շելլենբերգին, բայց նա ոչինչ անել չէր կարող։
 
Երեք օր անց, երբ քննությունը նոր-նոր էր ծավալվում, Հիտլերն իր մոտ ճաշի հրավիրեց Հեսսին, Հիմմլերին, Հեյդրիխին, Բորմանին, Քեյթելին և Շելլենբերգին։ Ինքը բացգույն թեյ էր Խմում, իսկ հյուրերին շամպայն ու շոկոլադ հյուրասիրում։
 
— Հեյդրիխ,— ասաց նա,— դուք պետք է օգտագործեք բժշկության և հիպնոզի բոլոր նորությունները։ Դուք պարտավոր եք Էսլերից իմանալ, թե իր հետ ով է կապ ունեցել։ Ես համոզված եմ, որ ռումբը պատրաստված էր արտասահմանում։
 
Հետո, չսպասելով հեյդրիխի պատասխանին, հիտլերը շրջվեց Շելլենբերգի կողմն ու հարցրեց.
 
— Դե, իսկ ձեր կարծի՞քն ինչ է անգլիացիների մասին։ Չէ որ դուք նրանց հետ դեմ հանդիման եք եղել Հոլանդիայում, բանակցությունների ժամանակ։
 
Շելլենբերգը պատասխանեց.
 
— Նրանք կբռվեն մինչև վերջ, իմ ֆյուրեր։ Եթե մենք օկուպացնենք Անգլիան, նրանք կտեղափոխվեն Կանադա։ Իսկ Ստալինը կսկսի ծիծաղել, նայելով, թե ինչպես են կռվում եղբայրները՝ անգլոսաքսերը և գերմանացիները։
 
Սեղանի շուրջ բոլորը քարացան։ Աթոռին մեխված Հիմմլերը սկսեց Շելլենբերգին նշաններ անել, բայց նա չէր տեսնում Հիմմլերին ու իրենն էր շարունակում։
 
— Իհարկե, տնական վեճից ավելի վատ բան չկա,— մտազբաղ, առանց բարկանալու պատասխանեց Հիտլերը։— Յուրայինների միջև եղած վեճից վատ բան չկա, բայց չէ՞ որ Չերչիլը խանգարում է ինձ։ Մինչ այն ժամանակ, քանի դեռ նրանք ռեալիստներ չեն դառնա Անգլիայում, ես պե՛տք է, ես պարտավոր եմ, ես իրավունք չունե՛մ նրանց հետ չկռվել։
 
Երբ բոլորը հեռացան ֆյուրերի մոտից, Հեյդրիխն ասաց Շելլենբերգին․
 
— Ձեր բախտից Հիտլերը լավ տրամադրություն ուներ, այլապես ձեզ կմեղադրեր, որ անգլիասեր եք դարձել Ինթելիչենս-սերվիսի հետ շփումից հետո։ Եվ որքան էլ ցավայի լիներ ինձ համար, ձեզ խուց կնստեցնեի, և որքան էլ ցավալի լիներ ինձ համար, կգնդակահարեի ձեզ, բնականաբար, նրա հրամանով։
 
... Երեսուն տարեկանում Շելլենբերգը դարձավ երրորդ ռայխի քաղաքական հետախուզության պետը։
 
Երբ, Հիմմլերի դործակալությունն իր շեֆին հայտնեց, որ Ռիբբենտրոպը հղանում է Ստալինի սպանության պլանը (նա ցանկանում էր անձամբ գնալ Ստալինի մոտ, իբր բանակցությունների համար և սպանել նրան հատուկ ինքնահոսից), ռայխսֆյուրերը թռցրեց այդ միտքը և առաջինը գնաց Հիտլերի մոտ այդ առաջարկով ու Շելլենբերգին հրամայեց երկու գործակալ նախապատրաստել։ Գործակալներից մեկը, ինչպես ինքն էր հաստատում, ճանաչում էր Ստալինի գարաժի մեխանիկի բարեկամներին։
 
Կարճալիք ռադիոընդունիչով, որը պատրաստված էր «Կազբեկ» պապիրոսի տուփի տեսքով, երկու գործակալները ռազմաճակատի գծի վրայով անցկացվեցին Ռուսաստան։
 
Ֆոն Շտիրլիցը գիտեր, թե այդ մարդիկ երբ են անցնելու ռազմաճակատի գիծը։ Մոսկվան նախազգուշացված էր, գործակալները ձերբակալվեցին։
 
Շելլենբերգի աշխատանքում եղած ձախողումները փոխհատուցվում էին հեռատեսորեն մտաձելու և իրադրությունը հստակորեն վերլուծելու նրա կարողությամբ։ Հենց Շելլենբերգն էր, որ դեռևս 1944 թվականի կեսերին ասաց Հիմմլերին, որ առաջիկա տարվա ընթացքում նրա համար ամենավտանգավոր դեմքը ոչ թե Գերման Գյորինգն է լինելու, ոչ թե Գեբրելսը և ընդհանուր առմամբ ոչ էլ Բորմանը։
 
— Շպեե՛րը,— ասաց նա,— Շպեերը մեր ամենագլխավոր հակառակորդն է լինելու։ Շպեերը դա արդյունաբերության և պաշտպանության մասին ներքին ինֆորմացիա է։ Շպեերը ՍՍ֊ի օբերգրուպպենֆյուրեր է։ Շպեերը դա սպառազինության մինիստրությունն է, դա թիկունք է և ռազմաճակատ, գա ԻԳ կոնցեռնն է առաջին հերթին, հետևաբար՝ Ամերիկայի հետ տրադիցիոն ուղղակի կապ։ Շպեերը կապված է Շվերին ֆոն Կրոզիկի հետ։ Դա նշանակում է ֆինանսներ։ Շվերին ֆոն Կրոզիկը հազվադեպ է թաքցնում իր օպոզիցիան ֆյուրերի պրակտիկայի նկատմամբ։ Ոչ թե գաղափարի, այլ հենց պրպկտիկայի։ Շպեերը լռակյաց հզորություն է։ Արդյունաբերության այն խումբը, որն ստեղծված է այժմ և որը գբաղվում է Գերմանիայի ետպատերազմյան վերածննդի պլաններով, ապագայի ուղեղն է, սիրտն ու ձեռքերը։ Ես գիտեմ, թե ներկայումս ինչով են զբաղված Շպեերի շուրջ համախմբված մեր արդյունաբերողները։ Նրանք զբաղված են երկու պրոբլեմով․ ինչպես առավելագույն շահույթ քամեն ու ինչպես այդ շահույթը փոխադրեն արևմտյան բանկերը։
 
Լսելով Շելլենբերգի այդ փաստարկները, Հիմմլերն առաջին անգամ մտածեց, որ այն գաղտնիքի բանալին, որ իր մեջ կրում է Շպեերը, ինքը կարող է գտնել, տիրանալով Բորմանի արխիվին, քանի որ եթե արդյունաբերողների կա պերը չեզոքների և Ամերիկայի հետ օգտագործում է ոչ թե ինքը՝ Հիմմլերը, ապա հավանաբար դրանք կարող է օգտագործել Բորմանը։
 
 
== 18.2.1945 (Ժամը 11-ն անց 46 րոպե) ==
 
Պատերազմի վերքին ամիսներին, երբ Հիտլերը հմայության պես կրկնում էր, որ անգլո֊սովետա֊ամերիկյան միության խորտակումը շաբաթների հարց է, երբ նա բոլորին հավատացնում էր, թե Արևմուտքը դեռևս օգնության կդիմի գերմանացիներին՝ վճռական պարտությունից հետո, շատերին դա թվում էր ֆյուրերի բնավորության դրսևորում՝ մինչև վերջ հավատալ իր երևակայության ստեղծածին։ Այնինչ, տվյալ դեպքում Հիտլերը հենվում էր փաստերի վրա. Բորմանի հետախուզությունը դեռևս 1944 թվականի կեսերին Լոնդոնում ձեռք էր բերել հույժ գաղտնի մի փաստաթուղթ։ Այդ փաստաթղթում մասնավորապես կային Ուինստոն Չերչիլլին պատկանող հետևյալ տողերը. «Սարսափելի աղետ կկատարվեր, եթե ռուսական բարբարոսությունը ոչնչացներ եվրոպական հնագույն պետությունների մշակույթն ու անկախությունը»։ Նա դա գրել էր իր գաղտնի հուշագրում, 1942 թվականի հոկտեմբերին, երբ ռուսները ոչ թե Լեհաստանում էին, այլ Ստալինգրադի տակ, ոչ թե Ռումինիայում, այլ Սմոլենսկի մատույցներում, ոչ թե Հարավսլավիայում, այլ Խարկովի մերձակայքում։
 
Հավանաբար, ամեն տեսակի բանակցությունների փորձերը անհապաղ մահապատժով վերջացնելու մասին հրամաններ չէր արձակի Հիտլերը, եթե իմանար կարծիքների այն կատաղի բախման մասին, որն առկա էր անգլիացիների և ամերիկացիների միջև 1943֊1944 թվականներին, դաշնակից բանակների գլխավոր հարվածի ուղղության կապակցությամբ։ Չերչիլլը պնդում էր, որ զորքերը Բալկաններում իջեցվեն։ Անհրաժեշտությունը պատճառաբանում էր այսպես. «Հարցն այսպես է դրված, պատրա՞ստ ենք արդյոք հաշտվել Բալկանների, հնարավոր է նաև Իտալիայի կոմունիզացմանը։ Հարկ է ստույգ հաշիվ տալ այն առավելությունների տեսակետից, որը ձեռք կբերեն արևմտյան դեմոկրատները, եթե նրանց բանակները օկուպացնեն Բուդապեշտը և Վիեննան, ազատագրեն Պրագան և Վարշավան...»։
 
Սթափ մտածող ամերիկացիները հասկանում էին, որ հիմնական հարվածը Հիտլերին ոչ թե Ֆրանսիայում, այլ Բալկաններում հասցնելու Չերչիլլի փորձերը չափազանց եսասիրական են։ Նրանք իրենց հաշիվ էին տալիս, որ Չերչիլլի տեսակետի հաղթանակը Մեծ Բրիտանիան հեգեմոն կդարձնի Միջերկրական ծովում, հետևաբար հենց Մեծ Բրիտանիան կդառնա Աֆրիկայի, արաբական Արևելքի, Իսպանիայի, Հարավսլավիայի և Հունաստանի տերը։ Ուժերի հավասարակշռությունն այդպիսով ոչ Միացյալ Նահանգների օգտին կլիներ, և ափհանումը նշանակվեց Ֆրանսիայում։
 
Զգույշ և համարձակ քաղաքագետ Չերչիլլը որոշակի ծայրահեղ հանգամանքների դեպքում կարող էր շփման մեջ մտնել ֆյուրերի դեմ եղած օպոզիցիայի հետ, միասնական ճակատ ստեղծելու համար, որպեսզի խոչընդոտեր ռուսների առաջխաղացումը դեպի Ատլանտյանի ափերը, որից նա շատ֊շատ էր վախենում։ Սակայն 1944 թվականի ամռանը դավադիրների ոչնչացումից հետո Գերմանիայում նման ուժեր չկային։ Բայց և Չերչիլլը գտնում էր, որ յուրաքանչյուր զգույշ «սիրավեպ» ռայխի այն ղեկավարների հետ, որոնք կփորձեին վերմախտի բանակների կապիտուլյացիան իրականացնել Արևմուտքում, թեև քիչ հավանական էր (Ռոլզվելտի հաստատ դիրքորոշման և ամբողջ աշխարհում ռուսասիրական տրամադրությունների պատճառով), բայց նման «սիրավեպը» նրան հնարավորություն կընձեռեր ավելի դաժան քաղաքականություն անցկացնել Ստալինի նկատմամբ, հատկապես լեհական և հունական հարցերում։
 
Եվ երբ ռազմական հետախուզությունը Չերչիլլին զեկուցեց այն մասին, որ գերմանացիները շփման եզրեր են փնտրում դաշնակիցների հետ, նա պատասխանեց.
 
— Բրիտանիային կարող են մեղադրել դանդաղկոտության, հանդգնության, հումորիստական վերլուծականության մեջ... Բայց ոչ ոք չի կարող Բրիտանիային մեղադրել նենգության մեջ, և ես աղոթում եմ աստծուն, որպեսզի երբեք մեզ չկարողանան դրա մեջ մեղադրել։ Թեև,— ավելացրեց նա և նրա աչքերը պողպատյա դարձան ու միայն դրանց խորքերում ծիծաղի կայծեր էին թռչկոտում,— ես միշտ խնդրել եմ ճիշտ սահման անցկացնել ազգերի համագործակցության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական խաղի և ուղղակի, անբանական նենգության միջև։ Միայն ասիացիները կարող են դիվանագիտական նուրբ և բարդ խաղը նենգություն համարել․․․
 
— Բայց նպատակահարմարության դեպքում խաղը կարող է ոչ թե խաղ, այլ առավել լուրջ գործողություն լինել,— հարցրեց հետախուզության պետի օգնականը։
 
— Ձեր կարծիքով խաղը լո՞ւրջ չէ։ Խաղն ամենալուրջ բանն է, որ կա աշխարհում։ Խաղը և գեղանկարչությունը, մնացյալն ունայն է ու սին,— պատասխանեց Չերչիլլը։ Նա պառկած էր անկողնում, դեռ չէր ելել իր տրադիցիոն ցերեկային քնից, դրա համար էլ բարեհոգի և ուրախ տրամադրության մեջ էր։— Քաղաքականությունն այն ձևով, որ մենք վարժվել ենք ընկալել, մեռել է։ Աշխարհի այս կամ այն շրջանում նրբակիրթ օպերացիաների տեղական քաղաքականությանը փոխարինելու է եկել գլոբալ քաղաքականությունը։ Դա այլևս անհատականության ինքնակամություն չէ, դա այլևս մարդկանց այս կամ այն խմբի անհատապաշտական ուղղվածություն չէ, դա մաթեմատիկայի պես ճշգրիտ գիտություն է և բժշկության մեջ փորձնական ճառագայթման պես վտանգավոր։ Գլոբալ քաղաքականությունը փոքր երկրներին անհամար ողբերգություններ կբերի՝ դա փշրված բանականությունների և կործանված տաղանդների քաղաքականություն է։ Գլոբալ քաղաքականությանը կենթարկվեն գեղանկարիչները և աստղագետները, դռնապաններն ու մաթեմատիկաւները, թագավորներն ու հանճարները։— Չերչիլլն ուղղեց ծածկոցը և ավելացրեց,― մի որևէ շրջանում թագավորի և հանճարի միացումը ամենևին ուղղված չէ թագավորի դեմ, այդ շրջանում ամփոփված հակադրությունը պատահական է և ոչ թե նպատակաուղղված։ Գլոբալ քաղաքականությունը անսպասելի այնպիսի ալյանսներ կենթադրի, ստրատեգիայի մեջ այնպիսի պարադոքսային շրջադարձեր, որ 1941 թվականի հունիսի 22-ի իմ ուղերձը Ստալինին կթվա տրամաբանության և հետևողականության ծայրակետ։ Ի միջի այլոց, իմ ուղերձը տրամաբանական էր, հետևողականության հարցը երկրորդական է, գլխավորը ազգերի համագործակցության շահերն են, մնացած բոլորը կներվի պատմության կողմից․․․
 
 
== 18.2.1945 (Ժամը 12-ն անց 09 րոպե) ==
 
Վստահելի
1318
edits