Changes
Մրրկահավերի մի քանի այլ տեսակներ ևս կան, բայց ես միայն հիշատակելու եմ մեկը՝ Pelecanoides Berardi-ին, որը մի փայլուն օրինակ է հանդիսանում այն տարօրինակ դեպքերի, երբ մի թռչուն ակներևաբար պատկանելով մի լավ հայտնի ընտանիքի՝ իր սովորություններս ու կառուցվածքով մոտենում է մի շատ տարբեր ընտանիքի։ Այս թռչունը երբեք ներցամաքային խաղաղ խորշերից դուրս չի գալիս։ Երբ նրան անհանգստացնում են, նա սուզվում է որոշ հեռավորության վրա և մակերեսը բարձրանալով՝ միևնույն շարժումով թռչում է։ Իր կարճ թևերի արագ շարժումներով ուղիղ գծով որոշ տարածություն թռչելուց հետո նա վայր է ընկնում, կարծես սպանված լինի, և նորից սուզվում է։ Նրա կտուցի և ռունգների ձևը, ոտքի երկարությունը և մինչև անգամ փետուրների գունավորումը ցույց են տալիս, որ այս թռչունը մրրկահավ է։ Մյուս կողմից՝ նրա կարճ թևերը և այդ պատճառով թռիչքների փոքր կարողությունը, մարմնի և պոչի ձևը, ոտքի մի վերջնամասի բացակայությունը, սուզվելու սովորությունը և բնակվելու տեղի ընտրությունը կասկած են առաջացնում, թև արդյոք նրա ազգակցությունը բազեի հետ հավասարապես մոտիկ չէ՞։ Անկասկած այն կարելի է շփոթել բազեի հետ, երբ նրան տեսնում են հեռվից թռչելիս կամ սուզվելիս և Հրո Երկրի մեկուսացած կանալներում հանգիստ լողալիս։
==ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՉԻԼՈԵ ԵՎ ԿՈՍԵՊՍԻՈՆ. ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ==
<FONT SIZE="-2">Սան-Կարլոս, Չիլոե.— Օսորնոն Ակոնգակուայի և Կոսեգուինայի հետ միամամանակ գործելիս (ժայթքելիս).— Ուղևորություն դեպի Կուկաո.— Անանցանելի անտառներ.— Վալդիվիա.— Հնդիկներ.— Երկրաշարժ.— Կոնսեպսիոն.— Ուժեղ երկրաշարժ.— Հերձված ապառներ.— Քաղաքների տեսքը երկրաշարժից հետո.— Մթագնած և փրփրացող ծովը.— Տատանումների ուղղությունը.— Ոլորված քարեր.— Մեծ ալիք.— Ցամաքի մշտական բարձրացումը.— Հրաբխային գործունեության տարածույթը.— Ժայթքման և բարձրացնող ուժերի մեջ գոյություն ունեցող կապը.— Երկրաշարժների պատճառը.— Լեռնաշղթաների դանդաղ բարձրացումը։</FONT>
Հունվարի 15-ին Լոուի նավահանգստից դուրս գալով՝ երեք օր հետո երկրորդ անգամ խարիսխ գցեցինք Չիլոեի Սան Կարլոսի ծոցում։ 19-ի գիշերն Օսորնո հրաբուխն սկսեց գործել։ Կես գիշերին պահակը նկատել էր մեծ աստղի նման մի բան, որը ծավալով հետզհետե մեծանալով մինչև մոտ ժամը 3-ը արդեն ներկայացնում էր վերին աստիճանի հոյակապ տեսարան։ Կարմիր հրավառ լույսի մեջ հեռադիտակով երևում էին անընդհատ իրար հաջորդող մութ առարկաներ, որոնք նետվում էին վերև և ընկնում ներքև։ Այդ լույսն այնպես ուժեղ էր, որ ջրի վրա մի երկար ու պայծառ ցոլք էր գցել։ Կորդիլյերների այդ մասում խառնարաններն ըստ երևույթին շատ հաճախ արտավիժում են հալված նյութի մեծ զանգվածներ։ Ինձ ասում էին, որ Կորկովադոյի ժայթքման ժամանակ վեր են նետվում մեծ զանգվածներ և երևում է, թե ինչպես այդ զանգվածները պայթում են օդի մեջ՝ ստանալով բազմաթիվ ֆանտաստիկ ձևեր, ինչպես, օրինակ, ծառի. սրանց ծավալը պետք է որ շատ մեծ լինի, որովհետև սրանք որոշակի երևում են Սան Կարլոսի հետևի բարձունքից, որն առնվազն իննսուներեք մղոն հեռու էր Կորկովադոյից։ Առավոտյան հրաբուխը հանդարտվեց։
Հետագայում ես զարմացել էի, երբ լսեցի, որ Չիլիում Ակոնդակուան, որը 480 մղոն ավելի հյուսիս է գտնվում, նույնպես ժայթքել էր միևնույն գիշերը. զարմանքս ավելի մեծ եղավ, երբ իմացա, որ նույն ժամանակից վեց ժամ հետո 1000 մղոնի վրա զգացվող երկրաշարժի հետ միասին ժայթքել էր և Կսսեգուինան, որը 2700 մղոն Ակոնգակուայից հյուսիս է։ Այդ զուգադիպությունը շատ ավելի նշանակալի է դառնում նրանով, որ Կոսեգուինան դրանից առաջ քսանվեց տարի քնած է եղել և չի գործել, իսկ Ակոնգակուան շատ հազվադեպ է ցույց տալիս գործունեության նշաններ։ Դժվար է մինչև անգամ ենթադրել, թե այս զուգագիպությունը պատահական էր, թե որոշ ստորերկրյա կապ կա սրանց մեջ։ Եթե Վեզուվը, Էթնան և Իսլանդիայում Հեկլան (երեքն էլ համեմատաբար ավելի մոտիկ իրար, քան համապատասխան կետերը հարավային Ամերիկայում) հանկարծակի ժայթքեին միևնույն գիշերը, այդ զուգադիպությունը շատ նշանակալի դեպք կհամարվեր, բայց այս դեպքը շատ ավելի նշանավոր է, որովհետև այստեղ երեք հրաբխային անցքերն ընկնում են միևնույն մեծ լեռնաշղթայի վրա, և արևելյան ամբողջ ծովափի երկայնքով ընդարձակ հարթավայրերը, իսկ արևմտյան ափի երկայնքով 2000 մղոնից ավելի տարածության վրա ժամանակակից բարձրացած խեցիները ցույց են տալիս, թե ինչպիսի հավասար և իրար հետ կապված ձևով են ներգործել բարձրացող ուժերը։
Կապիտան Ֆից Ռոյը ցանկանալով անպայման մի քանի ուսումնասիրություններ կատարել Չիլոեի արտաքին ափի վերաբերյալ, որոշեց, որ մր. Կինգը և ես ուղևորվենք Կաստրո և այնտեղից կղզին կտրելով գնանք Կապելլա դե Կուկաս, որը գտնվում է արևմտյան ափին։ Վարձելով ձիեր և մեկ ուղեկցող՝ 22-ի առավոտյան ճանապարհ ընկանք։ Դեռ շատ չէինք հեռացել, երբ մեզ միացան մի կին և երկու, երեխա, որոնք գնում էին միևնույն ուղղությամբ։ Այս ճանապարհին ամեն ոք «բարև, բարեկամ, բարի հանդիպում»-ով է դիմավորում ձեզ, և այստեղ մարդ վայելում է առանց հրազենի ճանապարհորդելու առավելությունը, որը շատ հազվադեպ է Հարավային Ամերիկայում։ Սկզբում մեր անցած տարածությունը կազմված էր իրար հաջորդող բլուրներից և հովիտներից, բայց Կաստրոյին մոտենալիս բոլորովին հարթ դարձավ։ Ճանապարհն ըստ ինքյան շատ հետաքրքրական է. նա իր ամբողջ երկայնքով, բացառությամբ միայն մի քանի փոքր մասերի, կազմված է փայտի մեծ կոճղերից, որոնք կամ լայն են և դրված են երկարաձիգ, կամ նեղ են և դրված են լայնքով։ Ամառը ճանապարհն այնքան վատ չէ, բայց ձմեռը, երբ փայտն անձրևից լպրծուն է դառնում, ճանապարհորդելը վերին աստիճանի դժվարանում է։ Տարվա այդ ժամանակը ճանապարհի երկու կողքերը ճահճի են վերածվում և հաճախ հեղեղվում, այս պատճառով էլ անհրաժեշտ է երկայնությամբ դրված կոճղերն ամրացնել գետնին լայնական ձողերով, որ երկու կողմերով սեպարկում են գետնին։ Այս սեպերը վտանգավոր են ձիուց ընկնողի համար, որովհետև նրանց վրա ընկնելու առիթները քիչ չեն։ Զարմանալի է, թե ինչ ճարպիկ սովորություններ են ձեռք բերել չիլոեցինեբի ձիերը։ Վատ մասերից անցնելիս, որտեղ կոճղերը դուրս են եկել, նրանք ցատկում էին մի փայտից մյուսը գրեթե այնպիսի արագությամբ և ճշգրիտ կերպով, որ կարծեք թե շուն լինեն։ Երկու կողմից էլ ճանապարհը եզերում են անտառային բարձր ծառեր, որոնց հիմքերը խճճված և միացած են եղեգներով։ Երբ երբեմն առիթ էր լինում դիտել մի երկարող ծառուղի, ստացվում էր միօրինակության հետաքրքրական պատկեր. կոճղերի սպիտակ գիծը, որը հեռվում նեղանում էր, թաքնվում էր մռայլ անտառի մեջ կամ թե վերջանում էր զիգզագով, որը բարձրանում էր զառիվեր բլրով։
Թեև Սան Կարլոսից մինչև Կաստրո հեռավորությունն ուղիղ գծով տասներկու մղոն է, այնուամենայնիվ այս ճանապարհի կառուցումը պետք է որ բավականին երկար աշխատանքի արդյունք լինի։ Ինձ պատմում էին, որ մի քանի մարդ անցյալում այդ անտառներով անցնելու փորձ անելով զրկվել են իրենց կյանքից։ Առաջին մարդը, որին հաջողվել է, մի հնդիկ է եղել, որն իր ճանապարհին ընկած եղեգները կտրելով՝ Սան Կարլոս է հասել ութն օրից. որպես հատուցում՝ սպանական կառավարությունը նրան շնորհել է հողամաս։ Ամառը շատ հնդիկներ թափառում են այդ անտառներում (գլխավորապես բարձր մասերում, որտեղ ծառերն այնքան խիտ չեն) կիսավայրենի խոշոր եղջերավոր անասուններ գտնելու նպատակով, որոնք սնվում են եղեգնի և մի շարք ծառերի տերևներով։ Այս որսորդներից մեկը եղել է այն մարդը, որը մի քանի տարի առաջ պատահմամբ հայտնաբերել է անգլիական մի նավ, որը խորտակված է եղել արտաքին ափին։ Նավի անձնակազմի պաշարն սպառվելու վրա է լինում, և չի կարելի ենթադրել, որ առանց այս մարդու օգնության նրանք երբևէ կկարողանային ազատվել այս գրեթե կատարելապես անանցանելի անտառներից։ Նրանցից մեկն արդեն մեռել էր ճանապարհին հոգնածությունից։ Այս ճանապարհորդությունների ժամանակ հնդիկները ղեկավարվում են արևով, այնպես որ եթե շարունակ ամպամած եղանակ լինի, նքանք չեն կարող ճանապարհորդել։
Օրը գեղեցիկ էր, և բազմաթիվ ծառեր, որոնք լրիվ ծաղկել էին, օծել էին օդն անուշ բուրմունքով, սակայն մինչև անգամ այդ չէր կարողանում ցրել մռայլ և խոնավ անտառի տպավորությունը։ Բացի այդ, բազմաթիվ մեռած ծառերի բները, որոնք կանգնած են լինում կմախքի նման, այս նախնական անտառներին տալիս են առանձին հանդիսավորություն,— մի բան, որը բացակայում է վաղուց քաղաքակրթված երկրի անտառներում։ Արևը մայր մտնելուց անմիջապես հետո մենք ցած եկանք մի բացօթյա տեղ գիշերելու։ Մեր ընկերակցուհին, որը բավականին համակրելի տեսք ուներ, պատկանում էր Կաստրոյի ամևնապատվելի ընտանիքներից մեկին։ Չնայած իր կին լինելուն նա հեծնում էր տղամարդու ձևի, առանց գուլպայի և կոշկի, ես զարմացել էի, թե ինչպես ոչ ինքը և ոչ էլ իր եղբայրը հպարտության ոչ մի նշան չէին ցույց տալիս։ Նրանք իրենց հետ բերել էին իրենց սնունդը, բայց երբ նստում էինք ուտելու, նրանք անընդհատ նայում էին մր. Կինգին և ինձ, մինչև մենք կատարելապես ամաչելով ստիպվում էինք կերակրել ամբողջ խումբը։ Գիշերն անամպ էր, և մեր անկողիններում պառկած՝ մենք վայելում էինք այն բազմաթիվ աստղերի տեսարանը, որոնք լուսավորում էին անտառային մթությունը, և այս բարձր վայելք է։
'''Հունվարի 23.'''— Առավոտյան բավականին վաղ վեր կացանք և ժամը երկուսին հասանք գեղեցիկ և խաղաղ, փոքրիկ Կաստրո քաղաքը։ Մեր առաջին այցելությունից հետո նախկին ծեր նահանգապետը մեռել էր, և նրան փոխարինում էր մի չիլիեցի։ Մենք մի հանձնարարական նամակ ունեինք՝ ուղղված Դոն Պեդրոյին, որը վերին աստիճանի հյուրասեր էր ու բարի և շատ ավելի անշահասեր, քան սովորաբար լինում են հարավային Ամերիկայի այս կողմերում։ Մյուս օրը Դոն Պեդրոն մեզ համար ճարեց նոր ձիեր և առաջարկեց ինքն անձամբ ընկերանալ մեզ։ Մենք շարժվում էինք դեպի հարավ, սովորաբար հետևելով ափին և անցնելով մի քանի գյուղակների միջով, որոնք բոլորն էլ ունեին մեծ մարագանման մատուռներ՝ փայտից շինված։ Վիլիպիլիում Դոն Պեդրոն խնդրեց կոմենդանտից՝ մեզ մի առաջնորդ տալ Կուկաո գնալու համար։ Ծեր ջենտլմենն առաջարկեց ինքն անձամբ գալ մեզ հետ, բայց երկար ժամանակ հնարավոր չէր լինում համոզել նրան, որ երկու անգլիացիներն իրոք ցանկանում են գնալ այնպիսի մեկուսացած և ճանապարհից դուրս ընկած վայր, ինչպես Կուկաոն է։ Այսպիսով մեզ ընկերակցում էին այդ երկրի երկու ամենամեծ արիստոկրատները, որ
պարզ երևում էր նրանց նկատմամբ բոլոր աղքատ հնդիկների տածած վերաբերմունքի մեջ։ Չոնչիից մենք բռնեցինք կղզու միջով անցնող ուղղությունը, հետևելով խառնաշփոթ և ոլորապտույտ շավիղների, երբեմն անցնելով շքեղ անտառներով և երբեմն էլ լավ մաքրված տեղերով, որտեղ առատ աճում, էին եգիպտացորենն ու կարտոֆիլը։ Այս անտառապատ ալիքավոր երկիրը, որը մասամբ մշակվում էր, ինձ հիշեցնում էր Անգլիայի համեմատաբար ամայի մասերը և այդ պատճառով էլ իմ աչքին առանձին հմայիչ տեսք էր ստանում։ Վիլինկոյում, որը գտնվում է Կուկաո լճի եզրերին, շատ քիչ մշակված դաշտեր կային, և բոլոր բնակիչներն ըստ երևույթին հնդիկներ էին։ Այս լճի երկարությունը տասներկու մղոն է և ձգվում է արևելյան և արևմտյան ուղղությամբ։ Տեղական պայմանների շնորհիվ ծովի զեփյուռը շատ կանոնավոր փչում է ցերեկը, իսկ գիշերը հանդարտում է. այս բանը տեղիք է տվել բազմաթիվ չափազանցությունների, որովհետև, ինչպես մեզ նկարագրում էին Սան Կարլոսում, այդ երևույթը կատարյալ անսովոր էր համարվում։
Կսւկաո տանող ճանապարհն այնքան վատ էր, որ մենք մտադրվեցինք այնտեղ գնալ ջրային ճանապարհով, պերիագվայով։<ref>Մի տեսակ նավակ, որը պատրաստում են մեկ կամ երկու մեծ կոճղի մեջը փորելով։ ''Ծ. Թ.''</ref> Կոմենդանտն ամենահեղինակավոր տոնով հրամայեց վեց հնդիկների պատրաստվել՝ մեզ այնտեղ տանելու, չբարեհաճելով ասել, թե դրա համար վարձատրություն լինելու էր, թե ոչ։ Պերիագուան բավականին կոպիտ և տարօրինակ նավակ է, բայց նավակազմն ավելի տարօրինակ էր. կասկածելի է, թե բացի սրանից երբևէ վեց ավելի տգեղ և կարճահասակ մարդիկ եղե՞լ են միասին մի նավակում։ Սակայն պետք է ասել, որ նրանք շատ լավ և ուրախ տրամադրությամբ թիավարեցին։ Թիավարը շաղակրատում էր հնդկերեն և արձակում տարօրինակ ձայներ, որոնք շատ նման էին խոզարածի ձայնին, որ վերջինս հանում է խոզերը քշելիս։ Ճանապարհ ընկնելիս մեր առաջից փչում էր մի թեթև զեփյուռ, բայց և այնպես Կապելլա դե Կուկաո հասանք ժամանակից դեռ մի քիչ էլ վաղ, լճի բոլոր կողմերումն էլ երկիրը ծածկված էր համատարած անտառներով։ Մեղ հետ միևնույն պերիագուայում գտնվում էր և մի կով։ Այսպիսի մի մեծ կենդանի մի փոքր նավակում տեղավորելն սկզբում դժվար է թվում, բայց հնդիկներն այդ կատարեցին մի րոպեում։ Նրանք նավը բերին կովի կողքը, որը կանգնած էր նավի երկայնությամբ. այնուհետև նրա փորի տակ տեղավորելով երկու թիակ, որոնց ծայրերը գտնվում էին նավի կողքին, այս լծակների օգնությամբ նրանք հաջող կերպով կովը գլորեցին նավակը, ոտները վերև տնկած, և ապա պարաններով կապոտեցին նրան։ Կուկաոյում գտանք մի անմարդաբնակ խրճիթ (որը հոգևոր պետի ռեզիդենցիան է, երբ նա այցելում է այս կապելլան), որտեղ մի խարույկ պատրաստելով եփեցինք մեր ընթրիքը, մենք շատ հանգիստ էինք զգում մեզ։
Կուկաոյի շրջանը Չիլոեի ամբողջ արևմտյան ափի միակ բնակված վայրն է։ Այստեղ ապրում են մոտ երեսուն կամ քառասուն հնդիկ ընտանիք, որոնք տարածված են ափին չորս-հինգ մղոնի երկարության վրա։ Սրանք բոլորովին կտրված են Չիլոեի մնացած մասերից և հազիվ թե որևէ տեսակի առևտուր ունենան, եթե չհաշվենք երբեմն տեղի ունեցող յուղի առևտուրը, որն ստանում են փոկի ճարպից։ Նքանք բավականին լավ են հագնվում, հագուստը պատրաստում են իրենք, և ուտելու առատ պաշար ունեն։ Այնուամենայնիվ նրանք դժգոհ էին իրենց վիճակից, միաժամանակ այն աստիճան խոնարհ էին, որ ականատես լինելը կատարյալ տանջանք էր։ Այս զգացմունքները, կարծում եմ, պետք է վերագրել իրենց կառավարողների կոպիտ, խիստ և լիազորված վերաբերմունքին։ Մեր ընկերակիցները թեև շատ քաղաքավարի էին դեպի մեզ, բայց խեղճ հնդիկների հետ վարվում էին այնպես, ինչպես ստրուկների հետ. նրանք հրամայում էին ուտելիք և ձիեր բերել՝ չբարեհաճելով հարցնել, թե ո՛րքան պետք է վճարեն, կամ չասելով, թե փոխարենը վճարելու են, թե ոչ։ Առավոտյան մնալով մենակ այս խեղճ հնդիկների հետ, շուտով մտերմացանք նրանց հետ՝ սիգար և մաթե նվիրելով։ Բոլոր ներկա եղողներին բաժանեցինք շաքարի կտորներ, որը ուտում էին մեծ հետաքրքրությամբ։ Հնդիկներն իրենց ամբողջ տրտունջը վերջացրին հետևյալ նախադասություններով. «Այդ բոլորի պատճառն այն է, որ մենք խեղճ ու աղքատ հնդիկներ ենք և ոչինչ չգիտենք, բայց այդպես չէր, երբ թագավոր ունեինք»։
Մյուս օրը նախաճաշից հետո ձիերով մի քանի մղոն շարժվեցինք հյուսիս՝ Պունտա Հուանտամո։ Ճանապարհն անցնում էր մի շատ լայն ծովափով, որի վրա մինչև անգամ մի քանի լավ օրերից հետո սոսկալի ալեբախում էր տեղի ունենում. ինձ հավատացնում էին, որ ուժեղ փոթորկից հետո ալիքների շառաչը գիշերը կարելի էր լսել մինչև անգամ Կաստրոյում,— մի հեռավորություն, որը բլուրների և անտառապատ երկրի վրայով ծովային քսանմեկ մղոնից պակաս չէ։ Բավականին նեղություններ կրեցինք, մինչև տեղ հասանք. շավիղներն անտանելիորեն վատ էին, որովհետև ստվերում ամենուրեք գետինը շուտով վերածվում է կատարյալ ճահճի։ Պունտա Հուանտամոն ինքնին ներկայացնում է դուրս ցցված ժայռոտ մի բլուր։ Նա ծածկված է մի բույսով, որն իմ կարծիքով ազգակից է Bromelia-յին (անանասի ազգից), և տեղացիներն անվանում են չեպոնես։ Դժվարությամբ անցնելով այս մացառուտի միջով՝ մեր ձեռքերը բոլորովին քերծվեցին։ Ինձ պակաս զվարճություն չէին պատճառում մեր հնդիկ ուղեկցի նախազգուշական միջոցառումները. նա վեր էր բարձրացրել իր շալվարը՝ մտածելով, որ շորն ավելի նուրբ է, քան իր սեփական ամուր մորթը։ Այս բույսի վրա լինում է մի պտուղ, որը ձևով շատ նման է կանկարի, որի մեջ մի քանի սերմերի բաժանմունք կա. այս բաժանմունքները պարունակում են մի հաճելի քաղցր խյուս, որն այստեղ շատ է գնահատվում։ Լոուի նավահանգստում ես տեսա չիլոեցիներ, որոնք այս պտղից պատրաստում էին չիչի կամ պտղի կվաս. շատ ճիշտ է, ինչպես նկատել է Հումբոլտը, որ գրեթե ամեն տեղ մարդը գտնում է միջոցներ՝ բուսական թագավորությունից որոշ տեսակի խմիչք պատրաստելու։ Սակայն պետք է ասել, որ Հրո Երկրի վայրենին, ինչպես և հավանորեն ավստրալիացին, նման բաներ պատրաստելու արվեստի մեջ այդքան հեռու չեն գնացել։
Պունտա Հուանտամոյից հյուսիս ծովափը ծայր աստիճան կտրատված և ապառաժոտ է ու դիմադրում է բազմաթիվ ալեբախումների, ծովը հավիտյան շառաչում է այդ ափերին։ Մր. Կինգը և ես շատ էինք ցանկանում հնարավորության դեպքում վերադառնալ ոտքով այս ափերով, բայց մինչև անգամ հնդիկներն ասում էին, որ այդ միանգամայն անհնարին է։ Մեզ ասում էին, որ եղել են մարդիկ, որոնք կտրելով անցնելով անտառներն ուղիղ ճանապարհով Կուկլաոյից հասել են Սան Կաբլոս, բայց երբեք ափով չեն գնացել։ Այս էքսպեդիցիաներում հնդիկներն իրենց հետ վերցնում են միայն խաշած կամ բռված հացահատիկ (աղանձ) և այն էլ գործածում են շատ խնայողաբար՝ օրական երկու, անգամ ուտելով։
'''Հունվարի 26.'''— Նորից պերիագուա նստելով՝ վերադարձանք լճով և ապա հեծանք մեր ձիերը։ Ամբողջ Չիլոեն օգտվում էր այս մի շաբաթվա անսովոր գեղեցիկ եղանակից և գետինը մաքրում անտառներից՝ այրելով։ Ամեն կողմ վեր էին բարձրանում ծխի քուլաները։ Չնայած որ այս կղզու բնակիչները շատ անխոնջ կերպով անտառի բոլոր մասերում սկսել էին հրդեհել, բայց և այնպես ես չտեսա մի վայր, որտեղ նրանց հաջողվեր լայնատարած հրդեհ առաջացնել։ Մենք ճաշեցինք մեր բարեկամ կոմենդանտի հետ և երբ Կաստրո հասանք, արդեն մութն էր։ Հաջորդ առավոտը ճանապարհ ընկանք շատ վաղ։ Որոշ ժամանակ ձիով գնալուց հետս մի սեպաձև բլրի շուրթից մեր առջև բացվեց մեծ անտառի լայնատարած տեսարանը, որ շատ քիչ է պատահում այս ճանապարհին։ Ծառերի հորիզոնից վերև Կորկովադո հրաբուխը, և հյուսիսում գտնվող տափակ գագաթով մի ուրիշ լեռ կանգնել էին հպարտ ու բարձր. բացի սրանից այս երկար լեռնաշղթայի վրա այլ ձյունապատ գագաթներ չէին երևում։ Դեռ երկար ժամանակ է պետք, մինչև ես մոռանամ Չիլոեի դիմացը գտնվող հոյակապ Կորդիլյերների հրաժեշտի այս տեսաբանը։ Գիշերն անցկացրինք բացօթյա, անամպ երկնքի տակ, և հաջորդ առավոտ հասանք Սան Կարլոս։ Մենք ճիշտ ժամանակին տեղ հասանք, որովհետև դեռ երեկոն չհասած՝ ուժեղ անձրևներ սկսվեցին։
'''Փետրվարի 4.'''— Մեր նավը դուրս եկավ Չիլոեից։ Վերջին շաբաթը ես կատարեցի մի քանի կարճատև էքսկուրսիաներ։ Այդ էքսկուրսիաներից մեկի նպատակն էր քննել այժմ գոյություն ունեցող խեցիների մի մեծ շերտ, որը բարձրացել էր ծովի մակարդակից 350 ոտնաչափ։ Այս խեցիների միջից բարձրանում էին անտառային մեծ ծառեր։ Մի այլ անգամ այցելեցի Հուեչուկուկուի հրվանդանը։ Ինձ հետ էր մի ուղեկից, որը շատ լավ ծանոթ էր երկրին, որովհետև նա համառորեն ինձ յուրաքանչյուր կետի, գետակի և խորշի հնդկական անվերջ անուններ էր տալիս։ Ինչպես տեսանք Հրո Երկրում, այստեղ ևս հնդկական լեզուն եզակիորեն հարմար է այդ վայրի ամենաչնչին մանրամասնություններին անգամ հարմար անուն տալու։ Ես հավատացած եմ, որ մենք բոլորս ուրախությամբ էինք հրաժեշտ տալիս Չիլոեին. այնուամենայնիվ եթե մենք կարողանայինք մոռանալ ձմեռվա մռայլությունը և անդադրում անձրևը, Չիլոեն մի դյութիչ կղզի կդառնար։ Այդտեղ մարդ հանդիպում է նաև աղքատ բնակչության համեստ քաղաքավարության և կյանքի պարզության վերին աստիճանի հրապուրիչ կողմերի։
Ափով ուղղվեցինք դեպի հյուսիս, բայց որովհետև խիտ մառախուղ էր, Վալդիվիա հասանք 8-ի գիշերը։ Մյուս առավոտը նավակը շարժվեց դեպի քաղաք, որը մոտ տասը մղոն հեռու է։ Մենք բռնեցինք գետի ուղին՝ երբեմն անցնելով հյուղակների և բաց տարածությունների մոտով, որոնք առաջացել են անթափանց խիտ անտառը մաքրելուց. երբեմն էլ հանդիպում էինք փոքր նավակների՝ մեջը մի հնդիկ ընտանիք։ Քաղաքը գտնվում է գետակի ցածը ափերին և այնպես է թաղված խնձորենու անտառի մեջ, որ փողոցները ներկայացնում են սոսկ մրգի ծառերի միջով անցնող նեղ շավիղներ։ Ես ոչ մի երկրում չեմ տեսել, որ խնձորի ծառերն այնպես լավ աճեն, ինչպես Հարավային Ամերիկայի այս խոնավ մասում։ Ճանապարհի կողքերին կային բազմաթիվ փոքրիկ ծառեր, որոնք ըստ երևույթին բազմացել էին բնական ճանապարհով։ Չիլոեում բնակիչները տիրապետում են մրգի այգիներ պատրաստելու մի զարմանալի հեշտ մեթոդի։ Գրեթե յուրաքանչյուր ճյուղի ստորին մասում ցցվում են փոքր, կոնաձև, թուխ և կնճռոտ կետեր. այս կետերը միշտ պատրաստ են արմատի փոխվելու, ինչպես այդ կարելի է տեսնել հաճախ, եթե պատահականորեն բավարար քանակությամբ տիղմ կուտակվի։ Վաղ գարնանն ընտրում են մարդու բազկի հաստությամբ ճյուղեր և կտրում են բավականին ներքևից, այնպես որ այս ցցվածքներից մի քանիսը մնան ճյուղի վրա. այնուհետև էտում են բոլոր մանր ճյուղերը և մոտ երկու ոտնաչափ խորությամբ թաղում գետնի մեջ։ Ամառն այս ոստն արձակում է երկար ընձյուղներ, իսկ երբեմն մինչև անգամ հենց առաջին տարին պտուղ է տալիս. ինձ ցույց տվին այդպիսի մեկը, որը 23 խնձոր էր բռնել, բայց այդ համարվում էր խիստ հազվադեպ։ Երրորդ ամառը այս ոստը դառնում է (ինչպես ես տեսել եմ) կանոնավոր ծառ՝ պտղով բեռնավորված։ Վալդիվիայի մոտ մի ծեր մարդ իր նշանաբանն արտահայտում էր այսպես՝ „Necesidad es la madre del invencion” (կարիքը հնարագիտության մայրն է), թվելով մի շարք օգտակար բաներ, որ նա պատրաստել էր իր խնձորներից։ Գինի և այլ խմիչքներ պատրաստելուց հետո մնացորդից նա դուրս էր բերում սպիտակ և անուշաբույր օղի. մի այլ պրոցեսով նա ձեռք էր բերում քաղցր դոշաբ, կամք ինչպես ինքն էր անվանում, մեղր։ Իր երեխաներն ու խոզերն ըստ երևույթին տարվա այս եղանակին գրեթե միշտ ապրում էին իր պտղատու այգում։
'''Փետրվարի 11.'''— Իմ ուղեկցի հետ ես դուրս եկա մի կարճ էքսկուրսիայի, որի ընթացքում, սակայն, ես շատ քիչ բան կարողացա իմանալ այդ երկրի երկրաբանությունից և բնակչությունից։ Վալդիվիայի մոտ մշակված շատ տարածություններ չկան, անցնելով մի քանի մղոն հեռու գտնվող մի գետ՝ մտանք անտառը և ապա, նախքան մեր գիշերելու տեղը հասնելը, հանդիպեցինք միայն մի աղքատ խրճիթի։ Աշխարհագրական լայնության այն չնչին տարբերությունը, որը հազիվ 150 մղոնի է հասնում, անտառին նոր տեսք է տվել Չիլոեի հետ համեմատած։ Այս բանն արտահայտվում է ծառերի տեսակների մի փոքր տարբեր հարաբերությամբ։ Մշտականաչ ծառերն այնքան շատ չեն երևում, այդ պատճառով էլ անտառը երևում է համեմատաբար պայծառ երանգով։ Ինչպես Չիլոեում, այստեղ ևս ներքին մասերում ծառերն իրար են հյուսված եղեգներով. այստեղ փնջերով աճում է նաև եղեգնի մի այլ տեսակ, որը նման է բրազիլիական բամբուկին և ունի քսան ոտնաչափ բարձրություն և շատ գեղեցիկ ձևով զարդարում է մի քանի գետերի ափերը։ Հենց այս բույսից է, որ հնդիկները պատրաստում են իրենց չուսոները կամ հետզհետե բարակացող նիզակները։ Մեր հանգստյան սենյակն այնպես աղտոտ էր, որ ես նախընտրեցի քնել դուրսը, այս ճանապարհորդությունների ընթացքում առաջին գիշերն ընդհանրապես շատ անհանգիստ է անցնում, որովհետև մարդ վարժված չի լինում լվերի կծոցին և խտուտեցնելուն։ Հավատացած եմ, որ առավոտյան իմ սրունքների վրա չկար մեկ շիլինգի մեծության տեղ, որը կարմրած չլիներ կամ որտեղ լուն «խնջույք» արած չլիներ։
'''Փետրվարի 12.'''— Մենք շարունակեցինք մեր ճանապարհը չմաքրված անտառների միջով. միայն երբեմն հանդիպում էինք ձի հեծած մի հնդիկի կամ ընտիր ջորիների մի խմբի, որոնք ալերսի տախտակ և հացահատիկ էին բերում հարավային հարթավայրերից։ Կեսօրից հետո ձիերից մեկն ուժասպառ վայր ընկավ, այդ ժամանակ մենք գտնվում էինք մի բլրի կատարին, որտեղից բացվում էր լիանոսի մի գեղեցիկ տեսարան։ Այս բաց դաշտերի տեսարանն ամայի ծառերի մեջ փակվելուց, թաղվելուց հետո կատարյալ թարմացնում էր մեզ։ Անտառի միօրինակությունը շուտով չափազանց ձանձրալի է դառնում։ Այս արևմտյան ափն ինձ հաճույքով հիշեցնում է Պատագոնիայի ազատ և անծայրածիր հարթավայրերը. սակայն ես չեմ կարող մոռանալ, թե ի՜նչպես վեհ է անտառի լռությունը։ Լիանոսներն այս երկրի ամենաարգավանգ և ամենախիտ բնակեցված վայրերն են, որովհետև նրանք այն մեծ առավելությունն ունեն, որ գրեթե ազատ են ծառերից։ Նախքան անտառը թողնելը մենք անցանք մի քանի հարթ փոքր բացատներ, որոնց շրջապատում գտնվում էին առանձնացած ծառեր՝ նման անգլիական պարկերի։ Ես հաճախ զարմանքով նկատել եմ, որ ալիքավոր անտառապատ շրջաններում այն մասերը, որոնք բոլորովին հարթ են եղել, կատարյալ զուրկ են եղել ծառերից։ Հոգնած ձիու պատճառով ես որոշեցի կանգ առնել Կուդիկոյի միսիայում, որի վանականին ուղղված մի հանձնարարական նամակ կար ինձ մոտ։ Կուդիկոն անտառների և լիանոսն երի միջև ընկած մի միջանկյալ շրջան է։ Այստեղ կային բազմաթիվ հյուղակներ կարտոֆիլի և հացահատիկի հողամասերով, որոնք գրեթե ամբողջովին պատկանում են հնդիկներին։ Վալդիվիայից կախում ունեցող ցեղերը „reducidos y Christianos”-ներ են (քրիստոնյա դարձածներ)։ Ավելի հյուսիսում գտնվող հնդիկները, Արասւկոյի և Իմպերիալի շրջակայքում, չափազանց վայրենի են և դեռ քրիստոնյա չեն դարձել, բայց, չնայած դրան, նրանք բոլորն էլ հաճախ են հարաբերություն ունենում սպանացիների հետ։ Պատերը (վանականն) ասաց, որ քրիստոնյա հնդիկները շատ չեն սիրում ներկա լինել եկեղեցական արարողություններին, բայց և այնպես նրանք մեծ հարգանք են ցույց տալիս դեպի կրոնը։ Ամենամեծ դժվարությունն ամուսնական ծիսակատարությունները նրանց դիտել տալն է։ Վայրենի հնդիկներն այնքան կին են վերցնում, որքան կարող են պահել, իսկ կասիկը երբեմն առնում է ավելի քան տասը կին. նրա տունը մտնելիս կանանց թիվը կարելի է իմանալ առանձին օջախների թվից։ Յուրաքանչյուր կին հերթով մի շաբաթ ապրում է կասիկի հետ, բայց բոլորն էլ պարտավոր են աշխատել նրա օգտին՝ պոնչոներ գործելով և այլ աշխատանքներ կատարելով։ Կասիկի կին դառնալը մի այնպիսի պատիվ է, որին շատ են ձգտում հնդիկ կանայք։
Այս բոլոր ցեղերի տղամարդիկ հագնում են բրդյա կոշտ պոնչո. Վալդիվիայից հարավ գտնվողները հագնում են կարճ անդրավարտիք, իսկ հյուսիս գտնվողները՝ լայն փեշերով շորեր, գաուչոյի չիլիպային նման։ Բոլորի երկար մազերը կապված են ծիրանագույն ժապավենով, բայց բացի սրանից նրանց գլխին ուրիշ ոչ մի ծածկոց չկա։ Այս հնդիկները գեղեցիկ կազմվածք ունեն. նրանց այտոսկրները դուրս են ցցված, և ընդհանուր տեսքով նրանք նման են ամերիկյան մեծ ընտանիքին, որին նրանք պատկանում են, բայց նրանց ֆիզիոնոմիան թվում էր թե քիչ տարբերվում էր մինչ այդ իմ տեսած ցեղերի ֆիզիոնոմիաներից։ Նրանց արտահայտությունն ընդհանրապես լուրջ է և նույն իսկ խիստ ու խոժոռ, և այդ շատ հատկանշական է. այս կարելի է վերագրել կամ նրանց ազնիվ պարզամտության կամ խիստ վճռականության։ Երկար սև մազերը, լուրջ և կնճռոտ դեմքը և մութ կերպարանքը ինձ հիշեցնում էին Ջեյմս առաջինի հին նկարները։ Ճանապարհին և ոչ մի տեղ մենք չհանդիպեցինք այն խոնարհ քաղաքավարություններին, որոնք այնքան ընդհանուր են Չիլոեում։ Մի քանիսը աճապարանքով տալիս էին իրենց „mari-mari”-ն (բարի առավոտ), բայց մեծ մասամբ երևում էր, որ չէին մտածում որևէ բարև տալու։ Վարվելաձևի այս անկախությունը հավանաբար հետևանք է նրանց երկար պատերազմների և կրկնվող հաղթանակների, որ միայն այս ցեղերին է հաջողվել ամբողջ Ամերիկայում տանել սպանացիների դեմ։
Երեկոն շատ հաճելի անցկացրի՝ խոսելով պատերի հետ։ Նա ծայր աստիճանի բարի էր և հյուրասեր, և գալով Սանտ Յագոյից՝ որոշել էր շրջապատել իրեն որոշ հարմարություններով։ Փիչ կրթություն ունենալով՝ նա դառնորեն տրտնջում էր ընկերական, բարեկամական շրջանի բացակայությունից։ Ո՜րչափ անիմաստ պետք է լինի այս մարդու անցկացրած ժամանակը, չունի ոչ առանձին եռանդ դեպի կրոնը և ոչ էլ զբաղմունք կամ որևէ խնդրի հետապնդում։ Հաջորդ օրը մեր վերադարձին մենք հանդիպեցինք յոթ չափազանց վայրագ տեսք ունեցող հնդիկների. սրանցից մի քանիսը կասիկներ էին, որոնք հենց նոր Չիլիի կառավարությունից ստացել էին իրենց տարեկան ստիպենդիան, երկար ժամանակ հավատարիմ մնալու համար։ Սրանք գեղեցիկ տեսքով մարդիկ էին և իրար հետևից ձիով անցնում էին ամենամռայլ դեմքերով։ Մի ծերունի կասիկ, որը գլխավորում էր նրանց, կարծում եմ, որ շատ ավելի էր խմել, քան մյուսները, որովհետև նա ծայր աստիճան մռայլ և շատ խոժոռ էր երևում։ Այս բանից քիչ առաջ մեզ միացան երկու հնդիկ, որոնք մի հեռավոր միսիայից գնում էին Վալդիվիա՝ մի դատի համար։ Մեկը մի զվարթամիտ ծեր մարդ էր, բայց նա իր կնճռոտ և անմորուս դեմքով շատ ավելի նման էր կնոջ, քան տղամարդու։ Հաճախ ևս նրանց նվիրում էի սիգարներ, և թեև միշտ պատրաստ էին ընդունելու, և հավատացած էի, որ նրանք երախտագետ մարդիկ էինք բայց շնորհք չունեին ինձ շնորհակալություն հայտնելու։ Եթե նրանց տեղը չիլոտան (չիլոեցի) հնդիկներ լինեին, գլխարկները կվերցնեին և իրենց „Dios le page”-ը կտային։ Այդ ճանապարհորդությունը շատ ձանձրալի էր և՛ ճանապարհի վատության տեսակետից, և՛ թե ընկած մեծ ծառերի պատճառով, որի համար ստիպված էինք լինում անցնելիս երկար շրջապտույտներ կատարել կամ ցատկել նրանց վրայով։ Մենք քնեցինք ճանապարհի վրա և հաջորդ առավոտը հասանք Վալդիվիա, որտեղից ես շարժվեցի դեպի նավը։
Մի քանի օր հետո մի խումբ սպաների հետ միասին անցանք մի ծովածոց և ցամաք դուրս եկանք Նիեբլա կոչվող բերդի մոտ։ Շենքերը գտնվում էին վերին աստիճանի ավերված վիճակում, իսկ թնդանոթի կառքերը՝ կատարելապես փտած։ Մր. Ուիկհեմն ասաց հրամանատար սպային, որ նրանք առաջին կրակումից ջարդուփշուր կլինեն։ Խեղճ մարդը ցանկանալով պաշտպանել իր բերդի արժանիքները՝ լրջորեն պատասխանեց. «Ո՛չ, վստահ եմ, պարո՛ն, նրանք կդիմանան երկու կրակոցի էլ»։ Սպանացիները պետք է որ մտադրված լինեին այս տեղն անառիկ դարձնելու համար։ Այժմ բակի մեջտեղում ընկած է կրաշաղախի մի կույտ, որն իր կարծրությամբ մրցում է այն ժայռերի հետ, որոնց վրա գտնվում է։ Նա բերվել է Չիլիից և նստել 7000 դոլար։ Ռևոլուցիան սկսվելով՝ չի թողել, որ նա որևէ բանի պետք գա, և այժմ նա մնում է որպես Սպանիայի ընկած փառքի մի հուշարձան։
Ես ուզում էի գնալ մեկ և կես մղոն հեռու գտնվող մի տուն, բայց իմ ուղեկիցն ինձ ասաց, որ բացարձակորեն անկարելի է ուղիղ գծով կտրել անցնել անտառը. նա առաջարկեց ինձ որպես ամենակարճ ճանապարհ՝ առաջնորդվել անասունների դժվար նշմարելի հետքերով, այնուամենայնիվ ամենակարճ ճանապարհը երեք ժամից պակաս չտևեց։ Այս մարդն զբաղվում է թափառող անասուններ որսալով և, չնայած իր՝ անտառներին լավ ծանոթ լինելուն, նա վերջին ժամանակները կորչում է երկու օրով և ոչինչ չի ունենում ուտելու։ Այս փաստերը բավական են գաղափար կազմելու, թե որչափ աննպատակ են այս երկրի անտառները։ Ինձ զբաղեցնում էր մի հարց՝ թե ո՛րքան ժամանակ են դիմանում ընկած ծառի մնացորդները։ Այս մարդը ցույց տվեց ինձ մի ծառ, որը տասնևչորս տարի առաջ կտրել են փախստական միապետականները. և վերցնելով այս որպես չափանիշ՝ ես կասեի, որ մեկ և կես ոտնաչափ տրամագիծ ունեցող մի ծառ երեսուն տարվա ընթացքում ամբողջովին կփտեր, թողնելով միայն կաղապարը։
'''Փետրվարի 20.'''— Այս օրը Վալդիվիայի տարեգրության մեջ հայտնի է իր վերին աստիճանի ուժեղ երկրաշարժով, որի նմանը չեն տեսել ամենածեր բնակիչներն անգամ։ Երկրաշարժի ժամանակ ես գտնվում էի ծովափին և անտառում պառկած՝ հանգստանում էի։ Երկրաշարժը սկսվեց հանկարծակի և տևեց երկու րոպե, բայց այդ ժամանակը շատ ավելի երկար էր թվում մեզ. գետնի տատանումը խիստ զգալի էր։ Իմ ընկերոջն ու ինձ այնպես էր թվում, որ ալիքը դալիս է ուղիղ արևելքից, մինչ ուրիշները կարծում էին, որ գալիս է հարավ-արևմուտքից. այս ցույց է տալիս, թե որչափ դժվար է զգալ տատանումների ուղղությունը։ Դժվար չէր ուղիղ կանգնել, բայց շարժումն ինձ գրեթե գլխապտույտ էր պատճառում, այդ նման էր կողքի պտույտ կատարելիս նավի առաջացրած տատանումներին, կամ ավելի շուտ նման էր այն ճոճումներին, որ մարդ զգում է բարակ սառցի վրայով սահելիս, երբ վերջինս մարմնի ծանրությունից որոշ չափով ճզմվում է։
Ուժեղ երկրաշարժը մի անգամից ոչնչացնում է մեր մտքի ամենասովորական ասոցիացիաները. երկիրը, հաստատունության այդ ամենաառաջին խորհրդանշանը, մեր ոտքերի տակ շարժվում է այնպես, ինչպես հեղուկի մակերեսին գտնվող մի բարակ կեղև,— ժամանակի մի վայրկյանը մարդու մտքում ստեղծում է անապահովության այնպիսի տարօրինակ գաղափարներ, որոնք չեն կարող առաջ գալ մինչև անգամ ժամերով խորհրդածելուց հետո։ Ինչպես անտառում թեթև քամին օրորում է ծառերը, ես էլ զգում էի միայն երկրի դողդողալը ոտներիս տակ և այլ էֆեկտներ չտեսա։ Ցնցման ժամանակ կապիտան Ֆից Ռոյը և մի քանի սպաներ գտնվում էին քաղաքում, և այնտեղ տեսարանը շատ ավելի տպավորիչ պետք է եղած լինի, որովհետև, այդ տները փայտից շինված լինելով չէին քանդվել, բայց ուժեղ ցնցվել էին և տախտակները ճռնչյունով ու շառաչով բախվել էին իրար։ Բնակչությունը սոսկալի ահաբեկված խուժում է դուրս՝ փողոցները։ Այդ հանգամանքներն են ստեղծում երկրաշարժների խուճապային սարսափը, որ ապրել են այն բոլոր մարդիկ, որոնք տեսել և զգացել են նրա ազդեցությունները։ Անտառում նա բոլորովին սարսափելի երևույթ չէ, բայց և այնպես չափազանց հետաքրքրական է։ Երկրաշարժը շատ հետաքրքրական կերպով ազդել էր և մակընթացությունների և տեղատվությունների վրա։ Մեծ ցնցումը տեղի ունեցավ տեղատվության ժամանակ, և մի ծեր կին, որն այդ ժամանակ եղել էր ծովափին, ինձ պատմեց, որ ջուրը շատ արագ հոսել էր դեպի մակընթացության սահմանը, բայց ոչ մեծ ալիքներով, ապա նույնպիսի արագությամբ վերադարձել էր իր սովորական մակարդակին, այդ, երևում էր և թրջված ավազի գծից։ Այս միևնույն տեսակի արագ, բայց հանդարտ մակընթացությունը և տեղատվությունը դրանից մի քանի տարի հետո պատահել է Չիլոեում մի թեթև երկրաշարժի հետևանքով և առանց պատճառի մեծ տագնապ է առաջացրել։ Երեկոյան ընթացքում եղան բազմաթիվ թույլ ցնցումներ, որոնք կարծեք թե նավահանգստում առաջացնում էին ամենաբարդ հոսանքներ, որոնցից մի քանիսն զգալի մեծության էին հասնում։
'''Մարտի 4.'''— Մտանք Կոնսեպսիոնի նավահանգիստը։ Մինչ նավը խարիսխ գցելու տեղ էր փնտրում, ես դուրս եկա Կիրիկինա կղզին։ Այդ վայրի մայոր-դոմոն արագ ինձ մոտ եկավ ձիով, 20-ին տեղի ունեցած ահռելի երկրաշարժի մասին ինձ հաղորդելու, որ Կոնսեպսիոնում կամ Տալկահուանոյում (նավահանգիստը) ոչ մի տուն կանգուն չի մնացել, որ կործանվել են յոթանասուն գյուղ և որ մի մեծ ալիք գրեթե ամբողջովին հեղեղել և քշել տարել է Տալկահուանոյի ավերակները։ Այս վերջին կետի վերաբերյալ ես շատ ապացույցներ տեսա, ամբողջ ափի վրա տարածվել փռվել էին կահկարասիների և տախտակի կտորներ, կարծեք թե հազարավոր նավեր էին խորտակվել։ Բացի աթոռներից, սեղաններից, գրապահարաններից, որոնք երևում էին մեծ քանակությամբ, կային և գյուղական հյուղակների մի քանի տանիքներ, որոնք տեղափոխվել էին գրեթե ամբողջությամբ։ Տալկահուանոյի խանութի դռները բացվել էին, և բամբակի մեծ պարկերը, երբան և այլ արժեքավոր ապրանքներ ցրված էին ափին։ Կղզու շուրջը պատվելիս ես նկատեցի, որ ժայռի բազմաթիվ կտորներ, որոնք, նկատի ունենալով նրանց կպած ծովային օրգանիզմները, պետք է որ օվկիանոսի հատակում ընկած լինեին, նետված էին վերև՝ ծովափին. այս քարերից մեկն ուներ վեց ոտնաչափ երկարություն, երեք ոտնաչափ լայնք և երկու՝ հաստություն։
Կղզին ինքնին այնպես պարզ էր ցույց տալիս երկրաշարժի խորտակիչ ուժը, ինչպես ծովափը՝ մեծ ալիքի ուժը։ Գետինը շատ տեղ ճեղքոտված էր հյուսիս-հարավ գծերով, և այդ գուցե առաջացել էր այս նեղ կղզու չափազանց թեք և զուգահեռ կողերի պատճառով։ Ճեղքվածքների մի մասը գահավանդների մոտ մի կանգուն (մոտ երկու մետր) լայնություն ունեին։ Բազմաթիվ մեծ զանգվածներ արդեն ընկել էին ծովափին, և տեղացիները կարծում էին, որ անձրևն սկսվելիս անհամեմատ ավելի մեծ փլուզումների պետք է սպասել։ Տատանման էֆեկտը պինդ նախնական թերթաքարի վրա, որը կազմում է կղզու հիմքը, շատ ավելի հետաքրքրական էր. մի քանի նեղ լեռնաշարքերի մակերեսային մասերը բոլորովին փշրվել էին, կարծեք թե վառոդով պայթեցրել էին։ Այդ ազդեցությունը, որը շատ լավ երևում էր մակերեսին նոր առաջացած ճեղքվածքներից և տեղափոխված գետնից, պետք է որ մակերեսից շատ խորը չտարածվի, այլապես ամբողջ Չիլիում ոչ մի ապառաժի պինդ մեծ զանգված չէր մնա. այս անհավանական չէ, որովհետև հայտնի է, որ տատանվող մարմնի մակերեսը կենտրոնական մասից տարբեր ձևով է ազդվում։ Հավանորեն այս է պատճառը, որ խորը հանքներում երկրաշարժներն այնպիսի սոսկալի ավերածություններ չեն առաջացնում, ինչպես որ շատերն սպասում են։ Կարծում եմ, որ այս ցնցումը շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ Կիրիկինա կղզու ծավալի փոքրացման գործում, քան ծովի և հողմի սովորական մաշումն ու քանդումները կարող էին առաջացնել նույն ազդեցությունը մի ամբողջ դարի ընթացքում։
Հաջորդ օրը դուրս եկա Տալկահուանո և ապա ձիով գնացի Կոնսեպսիոն։ Երկու քաղաքներն էլ ներկայացնում էին ամենաահռելի, միաժամանակ ամենահետաքրքրական տեսարանները, որ երբևէ ես տեսել եմ։ Նրանք, ովքեր առաջ տեսել էին այդ քաղաքները, հավանորեն ավելի ուժեղ տպավորություններ կունենան, որովհետև ավերակներն այնպես կատարյալ էին խառնված իրար, և ամբողջ տեսարանն այնքան քիչ նշաններ ուներ բնակավայրի, որ հազիվ թե հնարավոր լիներ երևակայել նրա նախկին վիճակը։ Երկրաշարժն սկսվեց առավոտյան ժամը տասնևմեկ ու կեսին։ Եթե այդ տեղի ունենար կես գիշերին, բնակիչների մեծ մասը (որոնք այս մի շրջանում հասնում են մի քանի հազարի) կոչնչանար. մինչդեռ տեղի ունենալով ցերեկը՝ զոհերի թիվը հարյուրից պակաս էր. առաջին ցնցումից դուրս փախչելով մշտական սովորությունը փրկել էր նրանց կյանքը։ Կոնսպեսիոնում ամեն մի տուն կամ տների մի շարք ներկայացնում էր ավերակների մի կույտ կամ մի շարք, բայց Տալկահուանոյում մեծ ալիքի հետևանքով կարելի էր տեսնել միայն աղյուսների շերտեր, կղմինդրներ, ատաղձ, այս ու այն կողմն կանգուն մնացած պատի մասեր և ուրիշ ոչինչ։ Թեև Կոնսեպսիոնն այնքան մեծ ավերածության չէր ենթարկվել, բայց ավերակների ներկայության պատճառով ավելի սոսկալի և, եթե թույլ կտրվի ինձ ասելու, պատկերավոր էր դարձել։ Առաջին հարվածը տեղի էր ունեցել խիստ հանկարծակի։ Կիրիկինոյի մայոր-դոմոն ինձ պատմում էր, որ առաջին անգամ նա զգացել է այդ՝ իր ձիու հետ գետին գլորվելով։ Վեր կենալով նա նորից է ցած գլորվել։ Նա ասաց նաև, որ մի քանի կով, որոնք կանգնած են եղել կղզու թեք կողմի վրա, գլորվել են ծովը։ Մեծ ալիքը ոչնչացրել է բազմաթիվ անասուններ, ցածր կղզիներից մեկի վրա, ծոցի ծայրին, ծովն են քշվել յոթանասուն կենդանի և խեղդվել են։ Ընդհանրապես այնպես են կարծում, որ այս Չիլիում արձանագրված երկրաշարժների ամենաուժեղն է, բայց որովհետև խիստ ուժեղ երկրաշարժները տեղի են ունենում երկար ընդմիջումներից հետո միայն, ուստի հեշտ չէ ասել, թե սրանից ուժեղները չեն եղել, և ոչ էլ ավելի ուժեղ երկրաշարժը կարող էր մեծ տարբերություններ առաջացնել, որովհետև ավերածությանը բոլորովին կատարյալ էր։ Մեծ երկրաշարժին հաջորդեցին անհաշիվ թվով մանր ցնցումներ, և առաջին տասներկու, օրում հաշվել են ոչ պակաս քան երեք հարյուր ցնցում։
Կոնսեպսիոնի վիճակը տեսնելուց հետո ես չեմ կարող հասկանար թե ինչպես բնակչության մեծ մասը կարողացել էր անվնաս փախչել։ Շատ տեղեր տները դուրս էին նետվել փողոցի մեջտեղում կազմելով աղյուսի և այլ մնացորդների բլրակներ։ Անգլիացի հյուպատոս մր. Ռոուզն ինձ պատմում էր, որ ինքը նախաճաշելիս է եղեր երբ առաջին շարժումն զգուշացրել է իրեն դուրս փախչելու։ Հազիվ հասնում է բակի մեջտեղը, երբ իր տան մի մասը դղրդյունով փուլ է գալիս։ Չկորցնելով իր սառնասրտությունը նա մտածում է, որ եթե ինքը կարողանա արդեն փուլ եկած մասի վրա բարձրանար կազատվի։ Գետնի ուժեղ երերումից չկարողանալով կանգնել ոտքերի վրա՝ նա սողում է իր ձեռքերի և ծնկների վրա. հազիվ թե հասնում է այս փոքրիկ բարձունքը, երբ իջնում է տան մյուս մասը, մեծ գերաններն անցնում են իր գլխի մոտով։ Աչքերը կուրացած, բերանը լցված փոշու ամպով, որը մթնացրել էր երկինքը, վերջիվերջո հասնում է փողոց։ Որովհետև ցնցումներն անընդհատ հաջորդում էին իրար մի քանի րոպե ընդմիջումից հետո, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ քանդված տներին, և ոչ ոք չէր իմանում, թե արդյոք իր ամենաթանկագին բարեկամներն ու ազգականները չէի՞ն ոչնչանում անօգնական։ Նրանք, ովքեր որոշ իրեր փրկել էին ոչնչացումից, ստիպված էին անընդհատ հսկել, որ չգողանան, որովհետև գողերը վխտում էին ամեն կողմ և յուրաքանչյուր փոքր ցնցման ժամանակ մի ձեռքով նրանք ծեծում էին իրենց կրծքերը և գոչում՝ „misericordia!” և մյուսով ավերակների միջից դուրս բերում՝ ինչ որ կարող էին։ Եղեգնածածկ տանիքներն ընկնում էին կրակի վրա, և ամեն կողմից բարձրանում էին բոցի լեզուներ։ Հարյուրավոր մարդիկ իրենց կյանքը խորտակված էին համարում, իսկ օրվա սնունդը հայթայթելու միջոցներ շատ քչերն ունեին։
Միայն երկրաշարժները բավական են, որ խորտակեն որևէ երկրի բարօրությունը։ Եթե Անգլիայի տակ այժմ իներտ ստորերկրյա ուժերը գործեին այնպես, ինչպես ամենայն հավանականությամբ գործել են երկրաբանական անցած դարաշրջաններում, ի՞նչպիսի լրիվ փոփոխությունների կենթարկվեր երկրի ամբողջ դրությունը։ Ի՞նչ կլիներ հոյակապ տների, խիտ բնակեցված քաղաքների, մեծ գործարանների, հանրային և անհատական հոյակապ ապարանքների վիճակը։ Իսկ եթե երկրաշարժի առաջին ուժեղ ցնցումն սկսվեր կես գիշերի մեռյալ ժամերին, ո՜րչափ մեծ կլիներ զոհերի թիվը։ Անգլիան անմիջապես կսնանկանար, բոլոր փաստաթղթերը, արձանագրությունները և տեղեկագրությունները նույն մոմենտին կկորչեին։ Պետությունը, չկարողանալով հավաքել հարկերը և չհաջողելով պահել իր հեղինակությունը, վայրագության և հափշտակության ձեռքերը բոլորովին ազատ կլինեին։ Ամեն մի մեծ քաղաքում կթագավորեր սովը, որին կհետևեին ժանտախտը և մահը։
Ցնցումից քիչ հետո երեք-չորս մղոն հեռավորության վրա երևաց մի մեծ ալիք, որը ողորկ ուրվագծով մոտենում էր ծոցի կենտրոնին, բայց ափի երկայնքով անդիմադրելի ուժով շարժվելով առաջ՝ նա խորտակում էր տնակներ և ծառեր։ Ծոցի ծայրին հասնելով, նա վերածվեց փշրվող սպիտակ ալիքների ահաբեկիչ շարքի, որը խուժելով բարձրացավ մակընթացության ամենաբարձր կետից քսաներեք ոտնաչափ ավելի բարձր։ Սրանց ուժը պետք է որ վիթխարի չափերի հասնի, որովհետև բերդում մի թնդանոթ իր կառքով, որի ծանրությունը հաշվում էին չորս տոնն, տասնհինգ ոտնաչափ դեպի ներս էր շարժվել։ Մի նավակ ծովից բերվել և մնացել էր ափից երկու հարյուր կանգուն հեռավորության վրա գտնվող ավերակների մեջ։ Առաջին ալիքին հաջորդում են երկու այլ ալիք, որոնք նահանջելիս իրենց հետ տանում են լողացող բազմաթիվ բեկորներ։ Ծոցի մի մասում ալիքը մի նավ նետում է բարձր ցամաքի վրա, ետ է տանում և նորից նետում ցամաք և վերջապես նորից տանում ետ։ Մի այլ մասում իրար մոտ խարիսխ գցած երկու մեծ նավ պտույտներ են անում, և երեք անգամ նրանց կաբելները (պողպատյա առասան) փաթաթվում են իրար, չնայած որ խարիսխ են գցած լինում երեսունվեց ոտնաչափ խորության վրա, մի քանի րոպե նրանք մնում են գետնին խրված։ Այդ մեծ ալիքը պետք է որ դանդաղ շարժվելիս լինի, որովհետև Տալկահուանոյի բնակիչները ժամանակ են ունենում քաղաքի հետևում գտնվող բլուրները փախչելու, իսկ մի քանի նավաստի վազում են դեպի ծովը՝ վստահ լինելով, որ իրենց նավակներով կարող են ապահով ապաստանել ուռած ծովի վրա, եթե հասնեն նախքան ալիքի փշրվելը։
Մի ծեր կին չորս-հինգ տարեկան մի փոքր տղայի հետ վազում է նավակը, բայց ոչ ոք չի լինում նավարկելու համար. նավակը զարկվելով մի խարսխի՝ երկու կես է լինում։ Ծեր կինը խեղդվում է, բայց երեխան կառչելով բեկված նավակից՝ դուրս է բերվում մի քանի ժամ հետո։ Աղի ջրի լճերը դեռ կանգնած էին տների ավերակների մեջ, և երեխաները հին աթոռներից ու սեղաններից նավակներ պատրաստելով այնքան ուրախ և զվարթ էին երևում, որքան նրանց ծնողները՝ թշվառ։ Չափազանց հետաքրքրական էր դիտել, թե ինչպես մարդիկ շատ ավելի ուրախ և աշխուժ էին, քան կարելի էր սպասել։ Չափազանց ճիշտ էր այն դիտողությունը, որ այդ դժբախտությունն ընդհանուր լինելու պատճառով ոչ ոք իրեն մի ուրիշից ավելի ընկճված չէր զգում, և ոչ էլ կարող էր կասկածել իր բարեկամների սառնասրտության վրա, որը կորցրած բարեկեցության ամենաողբալի հետևանքն է։ Մր. Ռոուզը և մի մեծ խումբ, որ նա բարեսրտաբար իր պաշտպանության տակ էր առել, առաջին շաբաթն ապրում էր մի պարտեզում, խնձորի ծառերի տակ։ Սկզբում նրանք շատ ուրախ էին, կարծեք թե խնճույքում էին գտնվում, բայց շուտով սկսվող ուժեղ անձրևը նրանց շատ նեղություններ պատճառեց, որովհետև նրանք բացարձակապես զուրկ էին որևէ պատսպարանից։
Երկրաշարժի վերաբերյալ՝ կապիտան Ֆից Ռոյի սքանչելի տեղեկագրության մեջ ասված է, որ ծոցում երկու ժայթքում է երևում — մեկը ծխի սյան նման, իսկ մյուսը՝ մեծ կետի (կենդանու) արձակած շատրվանի։ Ջուրն էլ ամեն տեղ կարծեք թե եռալիս է լինում և «նա սևանում է՝ արտաշնչելով ծծմբային մի վերին աստիճանի անախորժ հոտ»։ Այս վերջին պարագաները նկատվել են և 1822 թվի՝ Վալպարայսոյի երկրաշարժի ժամանակ. ինձ թվում է, թե այդ պետք է վերագրել ծովի հատակում գտնվող օրգանական քայքայվող նյութեր պարունակող տղմին, որը երկրաշարժից խառնվում խանգարվում է։ Կալաոյի ծոցում մի խաղաղ օր ես նկատեցի, որ երբ նավն իր կաբելները քաշում էր հատակի վրայով, նրա հետևից նկատվում էր պղպջակների մի գիծ։
Տալկահուանոյում բնակչության ցածր խավերում այն կարծիքն էր տիրում, որ երկրաշարժի պատճառը մի քանի ծեր հնդիկ կանայք են, որոնք երկու տարի առաջ զայրանալով կանգնեցրել են Անտուկոյի հրաբուխը։ Այս հիմար հավատքը շատ հետաքրքրական է, որովհետև այդ ցույց է տալիս, թե փորձը սովորեցրել է նրանց դիտել, որ հրաբուխների խափանվող գործունեության և գետնի դողդողալու մեջ որոշ կապ կա։ Անհրաժեշտ էր կախարդությունը կապել երևույթների այնպիսի կետի հետ, որի պատճառը և հետևանքն ըմբռնելի չէր, և այդ՝ հրաբխի անցքը փակելն էր։ Առանձնապես այս դեպքում այս հավատը շատ հետաքրքրական է, որովհետև, ըստ կապիտան Ֆից Ռոյի, պատճառներ կան հավատալու, որ Անտուկո հրաբուխն այստեղ բոլորովին չէր ունեցել իր մասնակցությունը։
Կոնսեպսիոն քաղաքը շինված էր սովորական ձևով, բոլոր փողոցներն իրար կտրում անցնում էին ուղիղ անկյուններով։ ՄԻ շարքը ձգվում էր արևմուտք—հարավ-արևմուտք, իսկ մյուս շարքը հյուսիս—հյուսիս-արևմուտք ուղղությամբ։ Առաջին ուղղության վրա գտնվող տների պատերն իսկապես ավելի լավ էին կանգուն մնացել, քան վերջիններինը։ Աղյուսի կտորտանքների զանգվածներն ավելի մեծ թվով թափված էին հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Այս երկու հանգամանքն էլ կատարելապես հաստատում են այն կարծիքը, որ երկրաշարժի ալիքները եկել են հարավ-արևմուտքից, որտեղից լսվում էին և ստորերկրյա աղմուկներ, որովհետև հայտնի է, որ հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ձգվող պատերը, որոնց վերջավորությունը գտնվում էր այն կետում, որտեղից ալիքներն են սկսվել, շատ ավելի քիչ ենթակա կլինեին խորտակվելու, քան այն պատերը, որոնք գտնվում են հյուսիս-արևմուսւք և հարավ-արևելք ուղղությամբ. նրանք նույն վայրկյանին անմիջապես պետք է որ փուլ գային, որովհետև հիմքերի տակով անցնելիս հարավ-արևմուտքից եկող ալիքները պետք է որ բաժանվեին հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան ալիքների։ Այս կարելի է պարզաբանել, եթե գրքերն իրենց եզրերի վրա շարենք կարպետի վրա և ապա Միշելի ցույց տված եղանակով շարժենք երկրաշարժի ալիքի ձևով. կտեսնենք, որ նրանց անկումը կատարվում է հեշտ կամ դժվար, նայած թե նրանց ուղղությունն ինչպիսի մոտիկություն ունի կամ ինչպես է համընկնում ալիքների ուղղությանը։ Գետնի ճեղքվածքներն ընդհանրապես, թեև ոչ միօրինակ, տարածվում էին հարավ-արևելք և հյուսիս-արևմուտք, ուստի և համապատասխանում էին ալիքի գծին կամ գլխավոր կորի ուղղությանը։ Այս բոլորը նկատի ունենալով, որտեղ պարզ ցույց է տրված հարավ-արևմտյան ուղղությունը որպես խախտման գլխավոր ֆոկուս, ապա հետաքրքրական է դառնում այն փաստը, որ Սանտա Մարիա կղզին, որը գտնվում է այդ մասում, ցամաքի ընդհանուր բարձրացման ժամանակ մոտ երեք անգամ ավելի շատ էր բարձրացել, քան ափի որևէ մաս։
Պատերի ցուցաբերած տարբեր դիմադրությունը, համաձայն իրենց ուղղությունների, ամենից լավ արտահայտվում էր տաճարի վրա։ Հյուսիս-արևելք նայող կողմը ներկայացնում էր ավերակների մի մեծ կույտ, որի մեջտեղը տնկվել էին դռների շրջանակներ և փայտյա մնացորդներ, որոնք, կարծեք թե, գետում լողում էին։ Աղյուսյա շարվածքի մի քանի անկյունավոր կոշտեր ունեին զդալի մեծություն և գլորվել էին բավականին հեռու՝ հարթ հրապարակը, ինչպես բարձր սարից դեպի հիմքը գլորված ապառի բեկորները։ Կողքի պատերը (հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք), թեև ծայր աստիճան ճաքճքված, բայց և այնպես կանգուն էին մնացել, մինչ հսկայական հենապատերը (որոնք նրանց հետ ուղղանկյուն են կազմում, հետևաբար և զուգահեռ ընկած պատերին) շատ դեպքերում կատարելապես մաքրվել էին, կարծեք թե դուրով կտրել և գետին էին շպրտել։ Մի քանի քառակուսի օրնամենտներ, որոնք գտնվում էին այս պատերի քիվի վրա, երկրաշարժից դիագոնալային դիրք էին ստացել։ Նույն բանը նկատվել է և Վալպարայսոյի, Կալաբրիայի և այլ տեղերի երկրաշարժներից հետո, ներառյալ հին հունական տաճարներից մի քանիսը։<ref>M. Arago „L’Institut”-ում, 1839 թ., էջ 337։ Տես նաև Mier-ի „Chile”, vol. I, p. 392. ինչպհս և Lyell-ի „Principles of Geology”, chap. XV, book II.</ref> Այս ոլորուն տեղափոխությունն սկզբում թվում էր թե ցույց է տալիս հորձանուտ շարժում այս ազդվող մասի յուրաքանչյուր կետի տակ, բայց այս շատ անհավանական է։ Արդյոք այս չի՞ առաջանում տատանման գծի նկատմամբ յուրաքանչյուր քարի որոշ առանձնահատուկ դիրքով դասավորվելու ձգտումից, ինչպես այդ տեսնում ենք թղթի թերթիկի վրա լցված գնդասեղների մոտ, երբ ցնցում ենք թուղթը։ Ընդհանուր առմամբ կամարաձև դռների կամ պատուհանների տեղերը շատ ավելի լավ էին մնացել, քան շենքի որևէ այլ մաս։ Այնուամենայնիվ մի խեղճ կաղ ծերունի, որը սովորություն էր արել փոքրիկ ցնցումների ժամանակ փախչել դռների մեջ, այս անգամ բոլորովին ճզմվել էր։
Ես չեմ փորձել Կոնսեպսիոնի տեսքի մանրամասն նկարագրությունը տալ, որովհետև ես կարծում եմ, որ բոլորովին հնարավոր չէ հաղորդել իմ ստացած խառն զգացողությունները։ Սպաներից մի քանիսն ինձնից շուտ էին այցելել այնտեղ, բայց նրանց ամենաուժեղ լեզուն չէր կարող տալ ավերածության տեսարանի ճիշտ պատկերը։ Դառն է տեսնել, թե ի՜նչպիսի գործեր, որոնց ստեղծելն այնքան ժամանակ և էներգիա է խլել մարդկանցից, հողակույտերի են վերածվում մի րոպեում, բայց և այնպես կարեկցությունը դեպի բնակիչները գրեթե անմիջապես մի կողմ է վանվում, երբ մեկը զարմացած և ապշած տեսնում է, թե ինչպես իրերի դրությունը փոխվում է մի ակնթարթում, որը մենք սովոր ենք վերադրել իրար հաջորդող մի քանի դարաշրջանների։ Իմ կարծիքով Անգլիայից դուրս գալուց հետո հազիվ թե այդքան խորը հետաքրքրական տեսարան տեսած լինենք։
Գրեթե յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժի ժամանակ, ասում են, որ ծովի մոտակա ջրերը մեծ չափերով խանգարվում են։ Այդ խանգարումն ընդհանրապես, ինչպես տեսնում ենք Կոնսեպսիոնի դեպքից, երկու տեսակ է լինում. առաջին՝ ցնցման վայրկյանին ջուրը ծովեզրն է բարձրանում մի մեղմ շարժումով և ապա արագ նահանջում. երկրորդ՝ որոշ ժամանակից հետո ծովի ամբողջ զանգվածը. քաշվում է ափից և ապա վերադառնում ահռելի, հեղեղող ուժով։ Առաջին շարժումը թվում է թև անմիջական հետևանք է երկրաշարժի, որը տարբեր կերպով է ազդում պինդ և հեղուկ նյութի վրա, այնպես որ նրանց հարաբերական մակարդակները խանգարվում են, բայց երկրորդ կետը շատ ավելի կարևոր երևույթ է։ Չատ երկրաշարժների ժամանակ, և մասնավորապես Ամերիկայի արևմտյան ափին առաջացած երկրաշարժների դեպքում, հաստատված է, որ ջրերի առաջին մեծ շարժումը նահանջելն է եղել։ Մի շարք հեղինակներ փորձել են բացատրել այս, ենթադրելով, որ ջուրը մնում է իր մակարդակին, իսկ ցամաքը ճոճվելով բարձրանում է վեր, բայց պետք է ասել, որ ցամաքին մոտիկ ջուրը, մինչև անգամ խիստ զառիվայր ափի վրա, կմասնակցեր հատակի շարժմանը, նմանապես, ինչպես պնդում է մր. Լայելը, ծովի այդպիսի շարժումներ պատահել են այնպիսի կղզիների վրա, որոնք երկրաշարժի գլխավոր. գծից շատ հեռու են եղել, ինչպես Խուան Ֆերնանդեսը այս երկրաշարժի ժամանակ և Մադերան՝ Լիսաբոնի հռչակավոր երկրաշարժի ժամանակ։ Ես ենթադրում եմ (թեև այս խնդիրը շատ մութ է, որ ալիքը, ինչպես էլ որ նա առաջանա, նախ ջուրը ետ է քաշում ափից, որի վրա նա առաջանալով ուզում է փշրվել։ Ես նկատել եմ, որ այս պատահում է փոքրիկ ալիքների հետ, որոնք առաջանում են շոգենավակի թիակից։ Նշանակալի է այն, որ մինչդեռ Տալկահուանոն և Կալաոն (Լիմայի մոտ), որոնք գտնվում են մեծ ծանծաղ ծովածոցերի ափին, յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժի ժամանակ ենթակա են եղել մեծ ալիքների հարվածներին, ընդհակառակը, Վալպարայսոն, որը գտնվում է չափազանց խորը ջրի անմիջական եզրին, երբեք չի հեղեղվեի թեև շատ հաճախ է ցնցվել ուժեղ երկրաշարժներից։ Նկատի ունենալով, որ մեծ ալիքը ոչ թե անմիջապես է հաջորդում երկրաշարժին, այլ երբեմն մինչև անգամ կես ժամ ընդմիջումից հետո, և այն, որ հեռավոր կղզիները ենթարկվում են այն ազդեցության, ինչ ազդեցության որ ենթարկվում են երկրաշարժի ֆոկուսին մոտիկ գտնվող ափերը, ուստի այստեղից պարզվում է, որ ալիքը նախ բարձրանում, է բաց ծովում. և քանի որ այս ընդհանուր երևույթ է, պատճառը նույնպես պետք է ընդհանուր լինի. ես ենթադրում եմ, որ մենք պետք է նկատի ունենանք որպես մեծ ալիքի առաջացման սկզբնական տեղ այն գիծը, որտեղ խորը օվկիանոսի համեմատաբար քիչ խանգարված ջրերը միանում են ափին մոտիկ ջրերին, որը մասնակից է եղել ցամաքի շարժմանը։ Պետք է ավելացնել և այն, որ ալիքի մեծ կամ փոքր լինելը կախված է ծանծաղ ջրի տարածությունից, որն իր հունի հետ միաժամանակ շարժման մեջ է լինում։
Այս երկրաշարժի ամենանշանավոր էֆեկտը ցամաքի մնայուն բարձրանալն էր։ հավանորեն շատ ճիշտ կլինի, եթե նրա պատճառը համարենք երկրաշարժը։ Կասկած չկա, որ Կոնսեպսիոնի ծոցի շրջապատի ցամաքը երկու-երեք ոտնաչափ բարձրացել էր, բայց ուշադրության արժանի է այն, որ շնորհիվ այն բանի, որ ալիքը ոչնչացրել էր ավազոտ ափի վրայի մակընթացության գծի հետքերը, ես չէի կարող հայտնաբերել այս փաստի ապացույցները, եթե չհաշվենք բնակիչների միացյալ վկայությունը մի ապառաժոտ ծանծաղուտի բացվելու մասին, որը երկրաշարժից առաջ ջրի տակ է եղել։ Սանտա Մարիա կղզու վրա (մոտավորապես երեսուն մղոն հեռավորության վրա) բարձրացումը շատ ավելի մեծ էր։ Կղզում մի մասում կապիտան Ֆից Ռոյը գտավ քայքայվող ձկնականջ խեցիների շերտեր, '''որոնք դեռ կպած էին ժայռերին''', մակընթացության գծից տասը ոտնաչափ բարձր. բնակիչներն առաջ այս խեցիների համար սուզվում էին ջրի մեջ մինչև անգամ լիալուսնի տեղատվության ժամանակ։ Այս շրջանի բարձրանալն առանձնապես հետաքրքրական է, որովհետև նա եղել է մի քանի այլ ուժեղ ցնցումների թատերաբեմը, և նրա մակերեսին, մինչև 600 և հավանորեն 1000 ոտնաչափ բարձրության վրա ցրված են անհաշիվ թվով ծովախեցիներ։ Վալպարայսոյում, ինչպես ես նկատել եմ, այդպիսի խեցիներ պատահում են մինչև 1300 ոտնաչափ բարձրության վրա. հազիվ թե կարելի լինի կասկածել, որ այս բարձրացումն արդյունք չէ հաջորդական փոքր բարձրացումների, ինչպես այդ տեսնում ենք այս տարվա երկրաշարժից հետո. միաժամանակ գոյություն ունի անըմբռնելի դանդաղ բարձրացում, որն անպայման պրոգրեսի մեջ է գտնվում այս ափի մի քանի մասերում։
Խուան Ֆերնանդեսի կղզին, 360 մղոն հեռու՝ հյուսիս-արևելյան կողմում, փետրվարի 20-ի մեծ երկրաշարժի ժամանակ շատ ուժեղ ցնցվում է, այնպես որ ծառերն իրար են զարկվում, ցնցմանը հաջորդում է հրաբխային ժայթքում ջրի տակից՝ ափին խիստ մոտիկ։ Այս փաստերը շատ նշանակալի են, որովհետև այս կղզին 1751 թվի երկրաշաբժի ժամանակ ևս ավելի ուժեղ էր ազդվել, քան Կոնսեպսիոնից հավասար հեռավորության վրա գտնվող որևէ այլ վայր. այս ցույց է տալիս, որ այս երկու կետերի մեջ պետք է որ որոշ ստորերկրյա կապ գոյություն ունենա, Չիլոեն, որը 340 մղոն Կոնսեպսիոնից հարավ է գտնվում, ըստ երևույթին ավելի ուժեղ է ցնցվել, քան Վալդիվիայի միջանկյալ շրջանը, որտեղ Վիլարիկա հրաբուխը բոլորովին չէր ազդվել, մինչդեռ Կորդիլյերներում, Չիլոեի դիմացը հրաբուխներից երկուսը նույն վայրկյանում ժայթքում են վայրագ ուժով։ Այս երկու հրաբուխը և մի քանի հարևան այլ հրաբուխներ երկար ժամանակ շարունակում են ժայթքել և տասն ամիս հետո նորից են ազդվում Կոնսեպսիոնում տեղի ունեցող մի նոր երկրաշարժից։ Այս հրաբուխներից մեկի ստորոտին մոտիկ մի քանի մարդ փայտ կտրելիս չեն զգացել 20-ի երկրաշարժը, չնայած որ սարը շրջապատող ամբողջ շրջանն ուժեղ երերման մեջ է եղել. այստեղ մենք ունենք մի ժայթքում, որը մեղմում և փոխարինում է երկրաշարժին, ինչպես այդ կարող էր պատահել Կոնսեպսիոնում, եթե, ըստ հասարակ ժողովրդի համոզմունքի, Անտուկո հրաբուխը չփակեին կախարդ հնդիկ կանայք։ Երկու և երեք քառորդ տարի հետո Վալդիվիան և Չիլոեն նորից են ցնցվում և այս անգամ ավելի ուժգին, քան 20-ի երկրաշարժը, և Չոնոսի արշիպելագի մի կղզի ընդմիշտ բարձրանում է ավելի քան ութ ոտնաչափ։ Շատ ավելի լավ գաղափար կարելի է կազմել այս երևույթների վերաբերյալ, եթե (ինչպես արինք սառցադաշտերի դեպքում) ենթադրենք, որ այդ երկրաշարժները տեղի էին ունենում Եվրոպայում, համապատասխան հեռավորությունների վրա։ Այդ դեպքում ցամաքը հյուսիսային ծովից (Գերմանական) մինչև Միջերկրական ծովը կենթարկվեր վայրագ ցնցումների, միաժամանակ Անգլիայի արևելյան ափից մի զգալի տարածություն ընդմիշտ կբարձրանար ծովի հատակից, իսկ ծովում, ափից քիչ հեռու, կառաջանային նոր կղզիներ։ Հոլանդիայի ափերին կսկսեին գործել մի խումբ հրաբուխներ, իսկ ծովի հատակից, Իռլանդիայի հյուսիսային վերջավորության մոտիկ, տեղի կունենային ժայթքումներ, և վերջապես, Օվեռնի, Կանտալ և Մոն դ’Օր լեռների հին հրանցքերը դեպի երկինք կուղարկեին ծխի մութ սյուներ և երկար ժամանակ կմնային որպես ակտիվ գործող հրաբուխներ։ Երկու և երեք քառորդ տարի հետո Ֆրանսիան իր կենտրոնական մասից մինչև Լամանշը նորից կամայանար երկրաշարժից, և Միջերկրականում ընդմիշտ կբարձրանար մի նոր կղզի։
Այն տարածությունը, որի տակից 20-ին ժայթքում էր հրաբխային նյութը, ուներ 720 մղոն երկարություն և 400 մղոն լայնություն. ուստի ամենայն հավանականությամբ այստեղ տարածված՝ գոյություն ունի լավայի ստորերկրյա մի լիճ, մոտավորապես երկու անգամ ավելի մեծ, քան Սև ծովը։ Նկատի ունենալով այն սերտ և բազմազան կապը, որով այս երևույթների ժամանակ արտահայտվում է բարձրացնող և ժայթքող ուժերի ներքին կապակցությունը, մենք կարող ենք ամենայն վստահությամբ գալ այն եզրակացության, որ այն ուժերը, որոնք դանդաղ և փոքր ցնցումներով կոնտինենտները (մայր ցամաք) վեր բարձրացնող ուժերը և բաց անցքերի պարբերաբար հրաբխային նյութ դուրս նետող ուժերը, նույնն են։ Բազմաթիվ պատճառներից ես համոզված եմ, որ երկրի հաճախակի երերումներն այս ափին առաջանում են շերտերի խզումներից, որոնք անհրաժեշտ հետևանք են բարձրացումից առաջացած լարվածության և նրանց մեջ հեղուկացած ապառի ներարկման։ Այս խզումները և լավային ներարկումները եթե բավականին հաճախ են կրկնվում և մենք գիտենք, որ երկրաշարժները կրկնվելով միևնույն տարածությունների վրա՝ ազդում են նույն եղանակով, կազմում են բլուրների մի շղթա և երկարավուն Սանտա Մարիա կղզին, որը բարձրացել էր շրջապատի երկրի եռակի բարձրության, թվում է, թե գտնվում է այդ պրոցեսի մեջ։ Ես կարծում եմ, որ մի լեռան պինդ առանցքն իր առաջացման ձևով հրաբխային բլրից տարբերվում է միայն այն բանով, որ մեկն արդյունք է պարբերաբար ներարկվող հալված քարի, իսկ մյուսը՝ կրկնվող ժայթքումների. բացի այղ, կարծում եմ, չի կարելի բացատրել Կորդիլյերների նման մեծ լեռնաշղթաների կաոուցվածքը, որտեղ շերտերը, ինչպես գլխարկ ծածկելով պլուտոնական ծագում ունեցող ներարկվող ապառների առանցքը, տարածվում են մի քանի զուգահեռ և հարևան բարձրությունների շարքերի կողերի վրա, եթե չընդունենք, որ առանցքը կազմող ապառները մի քանի անգամ են ներարկվել, և ընդմիջումներն էլ այնքան են տևել, որպեսզի վերին մասերը կամ սեպերը ժամանակ ունենային սառչելու և ամրանալու, որովհետև եթե շերտերը նետված լինեին իրենց այժմյան վերին աստիճանի թեք, ուղղահայաց և մինչև անգամ շրջված դիրքով, երկրի անմիջական ընդերքը մի հարվածից դուրս կհոսեինք և փոխանակ տեսնելու ապառների զառիվայր լեռնային առանցքներ, որոնք պնդանում են մեծ ճնշման տակ, կառաջանային լավային հեղեղներ, որոնք անհաշիվ կետերով կհոսեին բարձրության բոլոր ուղղություններով։<ref>Հրաբխային երևույթների վերաբերյալ լրիվ տեղեկություններ ստանալու համար, որի հետ զուգընթաց տեղի ունեցավ 20-ի երկրաշարժը, և դրանից եզրակացություն հանելու համար նայել Geological Transaction-ի V հատորը։</ref>