Changes
/* Տեսարան չորրորդ */
Մեղադրող։ Իսկապես որ, մարդիկ կային։ Պետք է տեսնել, թե այդ ինչ մարդիկ էին։ Գուցե նրանք էլ են ուզում փախչել։
==Տեսարան հինգերորդ==
Աղմուկ կուլիսների ետևում։ Գորելկինը քարշ է տալիս հատակով Տերյոխինին։
Նախագահ։ Այս ի՞նչ է։ Այդ ո՞ւմ եք բերել։
Գորելկին։ Ձերդ պատվություն, տվյալ քաղաքացին փորձում էր փախչել։ Ես նրան տաքսիից դուրս բերեցի։
Նախագահ։ Այդ դո՞ւք եք Գորելկին, արդեն ապաքինվե՞լ եք։
Գորելկին։ Ոչ մի դեպքում, ձերդ պատվություն։ Փաստորեն ես գտնվում եմ մահվան շեմին, բայց երբ տեսնում եմ, որ մարդը փախչում է․․․
Նախագահ (զգացված)։ Տե՛ս դու։ Այսպիսի վիճակում է, բայց երբ խոսքը գնում է պարտքի կատարման մասին․․․ Շնորհակալություն, Գորելկին։ Շնորհակալություն։ Հիմա մեր մասնագետները ձեզ անհրաժեշտ օգնություն ցույց կտան։
Սանիտարները պառկեցնում են Գորելկինին պատգարակի վրա և տանում։
Նախագահ։ Ինչպիսի՜ մարդիկ են։ Որտեղ, ո՞ր երկրում դուք կգտնեք այսպիսի մարդիկ։ Չնայած, պատահում են և ուրիշները։ (Տերյոխինին, հանդիմանելով։) Վկա, այդ ինչո՞ւ եք դիմել փախուստի։ Չե՞ք ամաչում։
Տերյոխին (Վախից դողալով)։ Ամա֊ամա֊ամա։
Նախագահ (նմանակելով նրան)։ Ամա֊ամա֊ամա։ Ձեր ազգանունն, անուն֊հայրանունը։
Տերյոխին։ Տե֊տե֊տե֊տերյոխին։
Նախագահ։ Տետետետերյոխին, թե՞ ուղղակի Տերյոխին։
Տերյոխին։ Ուղղակի Տե֊տե֊տե֊տերյոխին։
Նախագահ։ Անուն֊հայրանո՞ւնը։
Պէ֊պէ֊պետր Սսիչ։
Նախագահ։ Ի՞նչ է նշանակում Սսիչ։ Գուցե Սիլի՞չ։
Տերյոխին (համաձայնվում է)։ Սսիչ։
Նախագահ։ Թե՞ Սերգևեիչ։
Տերյոխին (համաձայնվում է)։ Սսիչ։
Նախագահ (նյարդայնանալով)։ Ես ձեզ չեմ հասկանում։ Անձնագիր ունե՞ք ձեզ մոտ։
Տերյոխին (համաձայնվում է)։ Հի֊ի֊ի․․
(Դողացող ձեռքերով շուռ է տալիս գրպանները, որոնցից հատակին են թափվում ինչ֊որ թղթեր, հաբեր, թաշկինակ, լուցկիներ և սիգարեթներ։ Վերջապես գտնում է և մեկնում նախագահին անձնագիրը։)
Նախագահ (կարդում է)։ Սիսոեվիչ։ Իսկ դուք ասում եք Սսիչ։
Տերյոխին (պատրաստակամորեն համաձայնվում է)։ Սսիչ։
Նախագահ։ Վկա, հիմա դուք կհարցաքննվեք Լեոնիդ Լեոնիդովիչ Պոդոպլեկինի գործով։ Դատարանը նախազգուշացնում է ձեզ, որ դուք պետք է ասեք ճշմարտությունը։ Հրաժարվելու դեպքում․․․ և այլն դուք պատասխանատվության կենթարկվեք․․․ հասկանալի՞ է։
Տերյոխին։ Հա֊հա֊հաս․․․
Նախագահ։ Ստորագրեք քարտուղարի մոտ, որ ձեզ նախազգուշացրել են։
(Տերյոխինը չենթարկվող ձեռքով ստորագրում է։)
Ինչո՞ւ եք այդպես դողում։ Մրսո՞ւմ եք։
Տերյոխին։ Ցու֊ցու֊ցու֊ցու֊․․․
Նախագահ։ Թե՞ շոգ է։
Տերյոխին։ Շո֊շո֊շո֊շո․․․
Նախագահ։ Լսեք, դադարեցեք դողալ։ Հավաքեք ձեզ։ (Տերյոխինը ասածը բառացի է հասկանում, և ձեռքերով բռնում է կողքերը։) Հը, հանգստացա՞ք։
Տերյոխին։ Հանգս֊տա֊տա֊տա․․․
Նախագահ։ Եվ հավաքեք ձեր իրերը։ Ի՞նչ եք ողջ բեմով թափթփել։ Իսկ այդ ի՞նչ հաբեր են ձեզ մոտ։
(Տերյոխինը բեմի վրա սողալով։) Վա֊վա֊վալի․․․
Նախագահ։ Վալիո՞ւմ է, ինչ է։ Ուրեմն ընդունեք, հանգստացնում է։ (Տերյոխինը բերանն է լցնում մի բուռ հաբեր, վեր է կենում։) Դե, հիմա կարո՞ղ եք խոսել։
Տերյոխին։ Հիմա կարող եմ։
Նախագահ։ Ճի՞շտ է, որ դուք մեղադրյալի հետ ընկերական հարաբերություններ ունեիք։
Տերյոխին։ Ճիշտ է։ (Ուղղում է վրիպումը։) Ճիշտ չէ։ Միայն երբեմն։ Շախմատ, գարեջուր և վերջ։
Մեղադրող (աշխուժանալով)։ Նույնիսկ գարեջո՞ւր էիք խմում։
Տերյոխին։ Շատ հազվադեպ։
Նախագահ։ Խմեք, խնդրեմ։ Միայն մի մոռացեք, որ չարաշահումը վնասում է ձեր առողջությանը։
Մեղադրող։ Սովորաբար մարդիկ, որոնք միասին գարեջուր են խմում զրուցում են, երբեմն նույնիսկ շատ անկեղծ։ Երբեմն էլ, ինչպես ասում են, միմյանց իրենց հոգիներն են բացում։ Հետաքրքիր է իմանալ, ինչի՞ մասին էիք խոսում մեղադրյալի հետ։
Տերյոխին։ Ոչինչ էլ չէինք խոսում։
Մեղադրող։ Ընդհանրապես ոչի՞նչ։
Տերյոխին։ Ոչինչ։
Մեղադրող։ Չեմ կարող հավատալ։ Նույնիսկ խուլհամրերն են միմյանց հետ խոսում։ Ուրեմն ինչի՞ մասին էիք խոսում։ (Տերյոխինը լռում է։)
Միգուցե կանանց մասի՞ն։ (Տերյոխինը լռում է։) Քաղաքականությա՞ն մասին։ Մի՞թե նույնիսկ քաղաքականությունից չեք խոսել։
Տերյոխին (վախենում է)։ Քա֊ղա֊քա֊կա֊նու֊թյունից։ Չենք խո֊խո֊խո․․․
Մեղադրող։ Չեմ հավատում։ Մի՞թե նույնիսկ գարեջրի գավաթի շուրջը նա երբեք չի արտահայտել իր կենդանական ատելությունը մեր դատական սիստեմի հանդեպ։ Մի՞թե նույնիսկ կորցնելով թագուհուն, երբեք չի ասել, որ նա այդ բոլոր դատավորներին, մեղադրողներին և փաստաբաններին ինքնաձիգից դ֊դ֊դ֊դ։
Տերյոխին (սարսափած)։ Դ֊դ֊դ։ (Ընկնում է ծնկների վրա, ձեռքերը մեկնած սողում դեպի մեղադրողը։)
Նախագահ։ Վկա, այդ ի՞նչ եք անում։
Տերյոխին (սողում է դեպի Նախագահը, գրկում ձեռքերով նրա ոտքերը)։ Ես այլևս չեմ ան֊ան֊ան․․․
Նախագահը դուրս է պրծնում և մի կողմ թռչում։ Տերյոխինը սողում է և բռնում է Պաշտպանի ոտքերը, կրկնելով «Էլ չեմ ան֊ան֊ան․․․»։
Նախագահ։ Վկա, հենց հիմա վերջ տվեք այդ հիստերիկան։ (Քարտուղարին։) Անհապաղ հանգստացրեք նրան։ Գորելկի՛ն։
(Ներս է վազում Գորելկինը։) Տարեք նրան։ (Գորելկինը բռնում է Տերյոխինի ոտքերից և քարշ տալիս կուլիսների ետևը։)